Վերջին թարմացում 30 Հունիսի 2015, 17:01

Լեւոն Խեչոյան Պատը

Պատը

հեղինակ՝ Լևոն Խեչոյան
աղբյուր՝ «Լևոն Խեչոյան Պատմվածքներ»

Երբ օգոստոսյան տապը ամայի դաշտում հասավ մեր մեքենային եւ մամլիչի նման իջավ նրա վրա, մեր զրույցներն արդեն վաղուց ինքնաբերաբար ընդհատվել էին շրջակա ամայությունից, բլուրների ու դաշտերի խանձված, շագանակագույն տեսքից լուսամուտներից ներս լցվող տաք փոշու խեղդող տհաճությունից։ Մինչեւ վանքին հասնելը, ուղեւորների ծանրությունից հատակը քարերին քսող մեքե նան կրկին մի անգամ ջուրը եռացրեց, ու մենք հետապնդող տապից թաքնվելու տեղ չունենալով, բաց դաշտում, այրող արեւի տակ, սպա ս ում էինք շարժիչի հովանալուն եւ ամեն մի չնչին պատճառով նեղանում իրարից։ Հետո նստել էինք վանքի պարսպի զով ստվերի տակ ու միմյանց հետ չէինք խոսում։

Խաչոն նստած տեղից բարձրացավ ու գնաց դեպի եկեղեցին։ Նրա քայլքից արեւից բովված փոշի էր բարձրանում, ու մենք փոշու միջով նայում էինք նրա հեռացող ուրվագծին։ Երբ նա հասավ եկեղեցուն եւ ձեռքով աչքերին շվաք արած նայում էր դռան քիվի զարդաքանդակներին, մենք էլ բարձրացանք, գնացինք նրա մոտ։ Բակում, խաչ քարերի առաջ նիհար, հրացանի փողի նման ուղիղ, գյուղացի երկու կանայք վառ կարմիր գույնի կատարներով աքլորներ էին մատաղ անում։ Վանքի գավիթում, մեր ներս մտնելուց վախեցած, աղավնու ձագն ուզում էր թռչել դեպի գմբեթի պատուհանները։ Նա կես ճանապարհին հազիվ հասցրել էր ճանկերով կառչել քիվից ու միեւնույն կետի վրա կանգնած` թափահարում էր թեւերը․ թվում էր այդ ակնթարթը կանցնի ու կընկնի։

Սարգիսը դեռ դրսում էր, կանչեց, ու մենք գնացինք նրա մոտ։ Հնէաբանները պեղումների նպատակով մի գերեզմանոց էին քանդել։ Փոսից դուրս լցված փոքրիկ հողաթմբի վրա գանգ ու մի քանի մաշված ոսկորներ էին գցված։ Սարգիսն ասաց․ «Իհարկե, իրենց հոր ոսկորները չէին հանի գերեզմանից ու չէին գցի այրող արեւի տակ»։ Տղաներից մեկն ասաց․ «Կթաղեն, շաբաթ, կիրակի հնէաբանները հանգստանում են»։

Հետո մենք վանքի շուրջը, պարիսպների տակ արկղ էինք որոնում` վանականի մաշված ոսկորները թաղելու համար։ Պատին մոտիկ ժայռի վրա կառուցված մատուռը ժայռի հետ միասին պոկվել էր, թեքվել ձորի վրա․ թվում էր այդ ակնթարթը կանցնի եւ ուր որ է կընկնի։

Ձորի մյուս ափով, հնձած ցորենի ոսկեդեղին դաշտի միջով, մի սեւ մեքենա էր գալիս։ Ու մենք ձեռներս վահանակի ճակատներիս դրած` նայում էինք դեղինի մեջ լողացող սեւին։ Մեքենայից դուրս եկած միլիցիոները ճակատի քրտինքը թեւքով սրբեց ու հրամայական գոռաց․ «Ո՞ւր է Դիլաքյանը, Դիլաքյանը որտեղ է… »։ Մենք դարձյալ ուզում էինք կատակել, բայց մեզանից ինչ֊որ մեկն ասաց․ «Պիտի իջեւանատանը նայել»։ Մենք քրտնել էինք ու քրտինքը ծորում էր աչքներիս մեջ։ Շրջանցեցինք մատուռը, անցանք եկեղեցու բակը, իջեւանատան կիսամութ` իրար հաջորդող խցերը։ Հետեւից գնացող ներս տեսնում էինք առաջինների քրտինքից թաց թիկունքները եւ աշխատում էինք նրանցից հետ չմնալ։ Հետո ուժեղ հարվածի ձայն լսվեց, նրան ֊ ցից մեկը բախվել էր պատին։ Ասաց․ «Մերկ պատեր են… անի ֊ մաստ գործ է, պիտի թողնել…»։ Ասինք․ «Հնարավոր չէ, մենք որոնում ենք նրան…»։ Մեզանից մեկն ասաց․ «Պետք է որոնել խորանում…»։ Հապշտապ խմբովի, կրնկակոխ հետ էինք գալիս։ Նորից անցանք մութ դահլիճները ու աշխատում էինք պատին բախվողին չտեսնել։ Դուրս եկանք թանձր, դեղին լույսով ու հաստ կապտավուն ստվերներով լցված եկեղեցու բակը։ Գյուղացի երկու կանայք վառ կարմիր գույնի կատարներով աքլոր ֊ ներ էին մատաղ անում։ Մտածեցի, եթե երբեւէ ֆիլմ նկարահանեմ, նրանք այնտեղ կլինեն մերկ, լուսնի կաթնագույն լույսի տակ։

Մտանք եկեղեցի, հետո խորանը, գիտեինք, որ նա այնտեղ կլինի։ Ուժեղ հարվածի ձայն լսվեց, ինչ֊որ մեկը կրկին բախվել էր պատին։ Նա նստել էր ու այլեւս չէր ցանկանում մեզ հետ գալ։ Հասկացրինք, որ դա հնարավոր չէ, մենք անպայման պիտի գտնենք նրան։ Ասին․ «Հարկավոր է գնալ դեպի ուսուցարան»։ Շրջանցեցինք, առաջինները հետիններ էին, հետինները` առաջիններ։ Բակում երկու կանայք վառ կարմիր գույնի կատարներով աքլորներ էին մատաղ անում։ Մտածեցի․ իմ ֆիլմի երկու կանայք կաթնագույն լույսի տակ մերկ կլինեն ու կարմիր կատար աքլորներին սեղմած ազդրերի արանքում` մատաղ կանեն, արյունը կցայտի նրանց կոնքերին, փորին, ստինք ներին, եկեղեցու գմբեթին…Անցանք նրանց մոտով, մատուռի մոտով, վանականի գանգի մոտով։ Սարգիսն ասաց․ «Այրում է, վանա ֊ կանին պիտի թաղել,֊ ասաց,֊ իզուր գործ է, չենք գտնի, պիտի կանգնել ու վանականին թաղել»։ Այդ պահին մեզանից ինչ֊որ մեկը գոռաց․ «Ուղղություն վերցրեք դեպի արեւը…»։ Առաջիններս ավելի հապ շտապ քայլեցինք, հետինները վազում էին, որ մեզ հասնեն։ Նրանց վերջից գալիս էր պատին բախվողը։ Նա կաղում էր, իսկ մենք նրան չէինք օգնում։ Գյուղացի երկու կանայք նրա ճակատին արյուն էին քսել։ Պատին բախվողն էլ` ճակատին մատղած աքլորների կարմիր արյունը, շտապում էր։ Մենք անցնում էինք կիսամութ դահլիճներն ու թանձր դեղին լույսով ողողված բակերը։ Սալիկները ռիթմով արձագանքում էին մեր վազքին։ Մենք շտապում էինք, առջեւից գնա ցող ները շտապում էին։ Մենք տեսնում էինք նրանց քրտնաթոր թիկունքները ու կոշիկների ներբանները։ Նրանցից ինչ֊որ մեկի կոշիկի ռետինե կրունկի մեջ մի փոքրիկ քար էր խրված։ Հետեւից գնացողներս տեսնում էինք կրունկն ու քարը, վերջից եկող կարմիր ճակատն էլ էր տեսնում։ Մեզանից ամեն մեկն էլ համոզված էր, որ բոլորն էլ տեսնում են կրունկն ու քարը, կրունկն ու քարը` բարձրանում֊իջնում, գնում էր, մենք գնում էինք։ Չգիտեինք` մեզանից առաջինը ով էր, որ մյուսներիս տարավ Դիլաքյանին որոնելու, բայց հաստատապես համոզված էինք, որ դա կրունկ ու քարը չէր, մեզանից ամեն մեկը հավատում էր, որ նա գոռաց․ «Դեպի արեւը գնալ…»։ Ու արդեն խղճում էինք կարմիր ճակատին։ Հետո ուժեղ հարվածի ձայն լսվեց, առաջինները բախվել էին պատին։ Ասին․ «Մերկ պատեր են»։ Ընկածներին բարձրացրինք։ Մեկը երկար ու ձիգ գոռաց` ձայնը գնաց ու եկավ, հետո սկսեցինք խմբովի, կարմիր ճակատն էլ գոռաց․ «Դիլաքյան…Դիլաքյան…»։

Լռության մեջ մենք սուր առնում էինք խոնավ հողի մրմռացնող հոտը։ Այն հողի, որը մարդկանց ու աշխարհին հավերժական սեր եւ խաղաղություն էր պարգեւում։ Հողի բուրմունքը դեռ ռունգերին` մեկը ասավ․ «Մեռելներին դեմքով դեպի արեւն են թաղում, նշանակում է արեւը գերեզմանոցից է դուրս գալիս, պիտի գնալ դեպի գերեզմանոց…»։ Առաջինները դարձան հետին, հետին ֊ ները` առաջին։ Բոլորս էլ մեր առաջ տեսնում էինք կրունկն ու քարը, մեզանից ամեն մեկս համոզված էինք, որ նա չէր «Դեպի արեւը գնալ…» գոռացողը։ Հետո չէինք կարողանում որոշել, մենք ինքներս էինք մեր ներսում գոռացել, թե կրունկն ու քարը եւ մենք վազքի ընթացքում սեղմում էինք նրան դեպի պատերը, մեջ֊մեջ առած` ուսերով տրորում։ Չէինք ուզում, որ նա առաջինների մեջ լինի ու նրան հրմշտելով գցեցինք ետ, այնտեղից էլ` խմբից դուրս։ Ու նա գալիս էր հետինների վերջից` տարածություն պահած, կարմիր ճակատին համընթաց։ Սալիկները ռիթմով արձագանքում էին հետ մնալ չցանկացողներիս վազքին, դատարկ դահլիճներն ու խցերը կրկնապատկած չափով էին վերարտադրում մեր շնչառությունը։ Եկեղեցու բակում առատ դե ղին լույս էր ու թանձր կապտավուն ստվերներ։ Գյուղացի երկու կանայք կարմիր կատար ներով աքլորներ էին մատաղ անում։ Անցանք նրանց մոտով, մատուռի մոտով, աղավնու ձագի մոտով, արեւի տակ այրվող վանա կանի գանգի մոտով։ Մեկն ասաց․ «Վանականին թաղել է պետք, թեկուզ առանց արկղի, փաթաթենք վերնաշապիկի մեջ ու թաղենք…»։ Հետո չէինք կարողանում որոշել, ինչ֊որ մեկը բարձրաձայն է ասել, թե ամեն մեկս մտքի մեջ գոռացել։ Գնում էինք դահլիճներով ու խորաններով, կրնկակոխ առաջիններին։ Հետո ուժեղ հարվածի ձայն լսվեց։ Նրանցից մեկը բախվել էր պատին ու թավալգլոր գոռում էր․ «Դիլաքյան, Դիլաքյան…»։ Հետո հոգնած հարցրեց․ «Ախր ո՞վ է նա»։ Ասինք․ «Մենք որոնում ենք նրան…»։ Նա թե` «Չեմ ասել, չէ՞ ձեզ, որ կինս այսօր կամ վաղը երեխա է ունենալու»։ Ասինք․ «Մենք որոնում ենք եւ պիտի գտնենք նրան, դու էլ ես որոնում նրան…»։ Մենք միմյանց դեմքերը չէինք տեսնում, նայում էինք մեզ մոտեցող կարմիր ճակատին ու լսում մեկս մյուսին` խցերում վերարտադրվող, կրկնապատկված շնչառությունը, ու հեռու դահլիճներից, մեզանից սահման պահած, միայնակ կրունկ ու քարի փութաջան քայլքի արձագանքը։ Հետո ինչ֊որ մեկն ասաց․ «Պիտի գնալ դեպի եկեղեցի»։ Կարմիր ճակատը լսելի ասավ․ «Սպասենք կրունկ ու քարին…»։ Նրան ասին․ «Կաղ…»,— հետո մեկս մյուսին․ «Պիտի գնալ դեպի եկեղեցի…»,— նրան․ «Չոլախ, դու քեզ իզուր ես երեւակայում»։ Ետին ֊ ներս դարձանք առաջին, առաջինները` ետին։ Խմբից դուրս թողնված կարմիր ճակատը դարձավ առաջին, կուչուձիգ էր անում, ուզում էր չերեւալ` մնալ նրանց մեջ։ Նրան տեսանք` տրորելով, մեջ֊մեջ սեղմրտելով, արմունկներով բոթբթելով, ոտքի կոճերը, չոր ոսկորները կոշիկների ամուր քթերով լպոկելով, դարձյալ ետ գցեցինք վերջը։ Մեզ բոլորիս լարում, գրգռում էին նրա ճակատի վառվող կարմիրը եւ մի ակնթարթում ճերմակած գլխի մազերը։ Ետինների շնչառությունը լսվում էր մեր թիկունքից, իսկ նրանց թիկունքից` կարմիր ճակատի շնչառությունը։ Մենք նրան թողած` գնում էինք, նա գալիս էր։ Ասի․ «Եթե այնտեղ էլ չլինի, ես ինձ կկախեմ»։ Հետո չէի կարողանում որոշել քարն ու կրունկը եւ կարմիր ճակատն են գոռացել, թե ես, անընդհատ մտովի եմ կրկնում։ ՈՒ թախծոտ կարոտ զգացի քար ու կրունկի եւ կարմիր ճակատ` չոլախի համար։ Հետո պատկերացրի, թե գյուղի այն երկու կանայք լուսնի կաթնագույն լույսի տակ ոնց են իջեցնում իմ ճոճվող մարմինը։ Նրանց ձեռքի դանակը կտրում է ինձ խեղդող պարանը` ինչպես քիչ առաջ տաք արեւի տակ` մատաղացու աքլոր ֊ ների բարակ ու երկար վիզը, կտրում է` ինչպես պատերազմի դաշտում միայնակ ու վիրավոր, լքված հայրս փոսի մեջ կտրեց փորոտիքից դուրս լցված իր տաք աղիքները…

Մենք անցնում էինք դահլիճներն ու թանձր, դեղին լույսով ու կապտավուն ստվերներով լցված բակերը։ Ետինները վազում էին, որ մեզ հասնեն, նրանց շնչառությունը բարձրից ցածր, ցածրից բարձր ուժով, արձագանք դարձած, պայթում էր ամայի խցերում։ Մենք հետ դարձի ճանապարհին` դահլիճներում եւ միջանցքներում դեմընդառաջ չհանդիպեցինք քար ու կրունկին։ Մինչեւ եկեղեցի հասնելը մերթընդմերթ կանգնում էինք եւ ուշադիր լսում․ ոչ մի տեղից սալապատ հատակը այլեւս չէր արձագանքում նրա փութաջան քայլերին։ Կարմիր ճակատը հանկարծ գոռաց․ «Ուղղություն վերցրեք դեպի լռությունը, կրունկն ու քարը այնտեղ է, ես լսում եմ ծառերի սրսփոցը…»։ Նրան ասին․ «Կաղ»,— հետո մեկս` մյուսիս, առաջիններին․ «Գնացեք դեպի եկեղեցի»,֊ նրան․ «Չոլախ, դու լավ գիտես, որ նա խաբել է…»։

Եկեղեցու որմնաքարերը պատմում էին մարդկանց սիրելու ժամանակը։ Պտղի հասունության եւ ամլության ուժը։ Ծիծաղելու եւ տխրե լու, ապրելու եւ մահվան ժամանակը…եւ միամիտ մարդ ֊ կանց աչքերով հզոր աստվածներին…

Հետո ուժեղ հարվածի ձայն լսվեց, մեզանից մեկը դարձյալ բախվել էր պատին…