Changes

Լին Մեծն ու Լին Փոքրը

Ավելացվել է 257 949 բայտ, 20:27, 9 Հուլիսի 2017
/* Գլուխ տասնութերորդ */
Քեռի Չժան֊մայը կրծքին է սեղմում Լին Փոքրին և Ցյաո֊ցյային, և երեխաները նորից են սկսում լաց լինել։ Բայց հիմա նրանք երջանկությունից են լաց լինում։ Քեռի Չժան֊մայը ժպտադեմ նայում է նրանց, աչքերը կկոցում և աննկատելի հառաչում։ Եվ այդ ժամանակ չգիտես ինչու, Լին Փոքրը ու Ցյաո֊ցյաոն սկսում են ավելի ուժեղ լաց լինել։
 
 
==Գլուխ յոթերորդ==
 
Լին փոքրը նամակ է գրում Լին Մեծին
 
 
Գեգե, ես ամբողջ ժամանակ քո մասին եմ մտածում։ Որտե՞ղ ես դու, գեգե։
 
Մենք Ցյաո֊ցյաոի հետ քիթը գտանք քեռի Չժուն֊մայի մոտ։ Քիթն արդեն ամրացված է իր տեղում։ Ես ու Ցյաո֊ցյաոն քեռի Չժան֊մային հայրիկ ենք ասում։ Չժուն֊մայ հայրիկը մեզ շատ է սիրում։
 
Չժուն֊մայ հայրիկը շոգեքարշի մեքենավար է։ Չժուն֊մայ հայրիկը մեզ գրել֊կարդալ է սովորեցնում։ Ահա թե նա ինչ ասաց մեզ․
 
«Ես արդեն ծեր եմ, շատ եմ ծեր։ Ես ձեզ կսովորեցնեմ շոգեքարշ քշելը, և դուք ինձ կօգնեք»։
 
Մենք շատ ուրախացանք ու բղավեցինք․
 
«Ա՜խ, ինչ լավ կլինի»։
 
Հետո մենք սկսեցինք սովորել շոգեքարշ քշել։ Մենք կաշխատենք և անպայման շուտով կսովորենք։
 
Որտե՞ղ ես դու հիմա, գեգե։ Որտե՞ղ։ Մտաբերո՞ւմ ես արդյոք դու ինձ, Սյաո Լինին։
 
Իսկ անցյալ շաբաթ Ցյաո֊ցյաոն մրսել էր։ Չժուն֊մայ հայրիկն ուզեց նրան տանել հիվանդանոց, բայց փող չուներ։
 
Հետո ես դարձյալ քեզ հիշեցի, գեգե։ Մի անգամ ես երազ տեսա և երազումս քեզ տեսա։ Ես շատ ուրախացա, որ դու մեզ հետ էիր, բայց հենց այդ ժամանակ մոտեցավ Հրեշը և սկսեց բղավել․
 
«Ես հիմա ձեզ կուտեմ»։
 
Այդ ժամանակ Ցյաո֊ցյաոն վերցրեց պարանը, որով մենք թռչում ենք և կապեց Հրեշի ձեռքերն ու ոտքերը։ Ես վերցրի իմ մետաղյա գնդիկը, նշան բռնեցի ու շպրտեցի Հրեշի վրա։ Հրեշն իսկույն սատկեց։
 
Հանկարծ միանգամից եկան չորս հատ Չորսանգամ Չորս, իսկ նրանց հետ նաև պարոն Պիպը։ Բայց մեզ օգնելու եկավ Չժուն֊մայ հայրիկը։ Նա մետաղյա գնդիկը նետեց մեկի, հետո մյուսի, երրորդի, չորրորդի վրա և բոլորին էլ մի հարվածով սպանեց։
 
Մենք բոլորս՝ ես էլ, դու էլ, Ցյաո֊ցյաոն էլ, Չժուն֊մայ հայրիկն էլ սկսեցինք ուրախանալ, պարել։ Հետո նստեցինք շոգեքարշ։ Հետո լուսինը մեզ հրավիրեց իր մոտ ճաշի, և մենք շեգեքարշը նստած՝ մեկնեցինք ուղիղ նրա մոտ։ Ի՜նչ մեծ տուն ուներ լուսինը։ Այնտեղ մենք տեսանք Սի֊ցզիին և Սյաո Մուին։
 
Եվ հենց այդ ժամանակ էլ ես զարթնեցի։
 
Պարզվեց, որ այդ բոլորը երազ էր։
 
Ես ամեն օր փնտրում եմ քեզ, գեգե՛։ Գեգե՛։ Որտե՞ղ ես, գեգե՛։
 
Ես հաճախ եմ լաց լինում, որ քեզ չեմ տեսնում։
 
Շուտ արա, եկ, գեգե՛։ Հենց որ գաս կայարան, որտեղ շոգեքարշն է կանգնում, հարցրու քեռի Չժուն֊մային։ Առաջին հանդիպած մարդը քեզ կբերի մեզ մոտ։ Միայն թե արի, լսո՞ւմ ես։ Անպայման։
 
Չժուն֊մայ հարյիկն էլ է քեզ սպասում։ Ցյաո֊ցյաոն էլ։ Գիտե՞ս ինչ ուրախ կլինի, որ դու գաս։
 
Գեգե, ահա թե ինչ եմ ուզում ասել քեզ․
 
Գալուց առաջ ինձ անպայման նամակ գրի։ Նամակում գրի, թե երբ ես գալու։ Մենք ուզում ենք քո գալու կապակցությամբ նվեր առնել քեզ՝ կաշվե գնդակ ու խնձոր։ Միայն թե գրիր, լսո՞ւմ ես։
 
Չժուն֊մայ հայրիկը մեզ շտապեցնում է, որ քնենք։ Ստիպված եմ նամակն այսքանով ավարտել։
 
Նամակում գրի, թե որտեղ ես դու հիմա և ինչ ես անում։ Եթե չգրես, ես քեզ ցույց կտամ՝ քսան ապտակ կուտես, ինչպես միշտ։
 
Ես ամեն օր քո մասին եմ մտածում, գեգե։ Իսկ դու իմ մասին մտածո՞ւմ ես, հը՞։ Շուտ եկ։
 
Ահա թե ինչպիսի նամակ է գրում Լին Փոքրը Լին Մեծին։ Ծրարի վրա նա խոշոր հիերոգլիֆներով գրում է այսպիսի մի հասցե․
 
:::::::Շտապ
 
:::Հանձնել պարոն Գեգեին
 
:::Ուղարկող՝ Սյաո Լին
 
Ծրարը փակելով և մի անգամ էլ ստուգելով, թե արդյոք ճիշտ է գրել հասցեն, Լին Փոքրը նամակը գցում է փոստարկղ։
 
 
==Գլուխ ութերորդ==
 
Երկնքի գեղեցկադեմ պատվիրակը
 
 
Ինչ եք կարծում, Լին Մեծը ստացա՞վ նամակը։
 
Իհարկե ոչ։ Լին Փոքրը դժբախտաբար, չէր խորհրդակցել քեռի Չժուն֊մայի կամ Ցյաո֊ցյաոյի հետ, թե ինչպես ուղարկի նամակը։ Նա ինքն էր գրել և ինքն էլ ուղարկել։
 
Երկար է սպասում Լին Փոքրը մեծ եղբոր պատասխանին և այդպես էլ չի ստանում։
 
Ամեն գիշեր Լին Փոքրը երազում տեսնում է եղբորը։ Նա շտապով արթնանում է, որպեսզի հասցնի եղբորը բռնել, բայց ամեն անգամ մի քիչ ուշանում է, և Լին Մեծն այլևս չի լինում նրա կողքին։
 
«Գեգե, որտե՞ղ ես դու։ Ձայն հանիր»։
 
Եվ իսկապես, որտե՞ղ կարող էր կորչել Լին Մեծը։ Այդ մասին բոլորն էին հարցնում, ով լսում է այս զարմանալի պատմությունը։
 
Ո՞ւր կորավ Լին Մեծը։ Բայց նա ոչ մի տեղ էլ չէր կորել։ Դուք լսում եք այս պատմությունը, իսկ Լին Մեծը իր համար տանը հանգիստ նստել ու ճաշ է ուտում։ Այո՛, այո՛, նա, իր տանը նստած, զբաղված է վաղուց իր համար ձանձրալի գործով՝ ուտելով։
 
Իսկ Լին Մեծի երկու կողմերում շարշվել են երկու հարյուր ծառաներ․․․
 
Ես զգում եմ, որ այստեղ դուք անպայման կընդհատեք ու կհարցնեք․
 
«Ինչո՞ւ դուք սկզբից չեք պատմում։ Որտեղի՞ց Լին Մեծին տուն։ Չէ՞ որ այն բանից հետո, երբ Հրեշն ուզեց ուտել Լին Մեծին ու Լին Փոքրին և նրանք փախան տարբեր ուղղություններով, մենք դեռևս ոչինչ չենք լսել Լին Մեծի մասին։ Խնդրում ենք այդտեղից սկսեք»։
 
Թերևս դուք ճիշտ եք։ Ես պետք է իմ պատմությունն սկսեմ հենց այդտեղից։
 
Դե լսեք ուրեմն։ Այն օրը, ինչպես հիշում եք, Հրեշին չհաջողվեց ո՛չ Լին Մեծին բռնել և ո՛չ էլ Լին Փոքրին։ Լին Մեծը գլխապատառ վազում է մոտ մի տասը կիլոմետր, այսինքն՝ այնքան, ինչքան Լին Փոքրն էր վազել։ Շուռ է գալիս և տեսնում է, որ Հրեշը ոչ մի տեղ չի երևում։ Բայց չի երևում նաև Սյաո Լինը։
 
Ամբողջ մարմնով թուլացած՝ Լին Մեծը նստում է մի ծառի մոտ հանգստանալու։
 
«Ո՞ւր կորավ Սյաո Լինը, ― մտածում է նա։ ― Ա՜խ, ինչքան լավ կապրեինք, եթե մենք հարուստ լինեինք։ Այն ժամանակ մենք մարգարիտ կունենայինք, կտայինք Հրեշին, նա մեզ չէր ուտի, և մենք ստիպված չէինք լինի փախչել տարբեր ուղղություններով»։
 
Այսպես մտածում է Լին Մեծը։ Բայց ահա նրա կոպերը ծանրանում են, աչքերն սկսում են փակվել, նա մեկնվում է գետնին, դադարում է մտածելուց և իսկույն քնում։ Հենց որ քնում է, երազ է տեսնում, իբր թե ինքն ու Լին Փոքրը հարուստ մարդ են դարձել։ Նրանք Հրեշին մարգարիտ են բերում, և Հրեշը թողնում գնում է, հրաժեշտի ժամանակ մինչև գետին խոնարհվելով իրեն և Լին Փոքրին։ Մեկ էլ նա երազում տեսնում է, որ Լին Փոքրի հետ ապրում է մի հարուստ, մեծ տան մեջ, ուտում է ամենաընտիր կերակուրները, շքեղ հագնվում, ոչ մի տեղ չի աշխատում և ոչինչ չի անում։ Լին Մեծը ուրախությունից իրեն կորցնում է։
 
«Այո՛, լավ բան է հարուստ լինելը»։
 
Եվ հանկարծ ինչ֊որ մի շողոքորթ ձայն է լսում․
 
― Դու ուզո՞ւմ ես հարուստ լինել։
 
― Այդ ո՞վ է ինձ հետ խոսում։
 
― Ես, ― պատասխաում է նույն ձայնը։ ― Ինձ կոչում են Բաբաո։
 
«Արդյոք, սա երազ չի՞», ― մտածում է Լին Մեծը։
 
Ոչ, Լին Մեծմ այլևս քնած չէր։ Նա բաց է անում աչքերը և տեսնում իր առջև կանգնած ինչ֊որ մի փքված սևամռութ աղվեսի, որը հագել էր գեղեցիկ ֆրակ և սնդիկից կարված փայլուն կոշիկներ, որոնք այնպես էին փայլփլում լուսնի լույսի տակ, որ աչք էին կուրացնում։ Դուք արդեն գիտեք, որ այդ հարգարժան աղվեսը պարոն Պիպինի փոքր եղբայրն է։
 
― Դու իսկապես ուզո՞ւմ ես հարուստ մարդ դառնալ, ― կրկնում է Բաբաոն։
 
― Ո՞վ ես դու։
 
― Իմ անունը Բաբաո է։ Դու չէի՞ր, որ հենց հիմա ցանկություն հայտնեցիր հարուստ դառնալու։
 
― Է՛հ։ Ո՜ւր էր, թե․․․ ― Լին Մեծը ձեռքը թափահարում է ու հորանջում։
 
― Ես միջոցը գիտեմ, թե ինչպես կարելի է քեզ հարուստ մարդ դարձնել։
 
― Ինչպե՞ս, ― բացականչում է Լին Մեծը և նստում։ Նա կարծում է, թե սխալ է լսել, դրա համար էլ հարցնում է։ ― Շուտ արա․ կրկնիր, թե ինչ ասիր։ Կարծեմ դու ինչ֊որ բան խոստացար ինձ։
 
― Այո, ― պատասխանում է Բաբաոն։ ― Ես կօգնեմ քեզ, որ դու հարստանաս։
 
― Ճի՞շտ ես ասում։ ― Լին Մեծը մի ակնթարթում թռչում է տեղից և Բաբաոյի հետ խոսում է բոլորովին արդեն ուրիշ տոնով։ ― Օ, դուք ի՜նչ մեծահոգի եք։ Արդյոք ճի՞շտ է, որ դուք կարող եք ինձ հարուստ մարդ դարձնել։ Դուք սպասում եք իմ պատասխանի՞ն։
 
― Իհարկե, ― ժպտում է Բաբաբոն։
 
― Իսկ ես ինչպե՞ս պիտի դուրս գամ ձեր լավության տակից։
 
― Դրա մասին հետո կխոսենք։ Իսկ հիմա գնանք ինձ հետ։ Այսօր ի՞նչ օր է։ Երկուշաբթի՞։ Ահա թե ինչ, ուրբաթ օրը դու հարուստ կլինես։
 
Բաբաոն թևանցուկ է անում Լին Մեծին։ Շուտով նրանք արդեն քաղաքում էին։ Բաբաոյի տունը կենտրոնական փողոցի վրա էր, և դռանը հսկում էր ոստիկանների մի մեծ խումբ։ Ոստիկանները արագ֊արագ այս ու այն կողմ էին գնում բակում։
 
― Ես շատ լավ եմ թռչում, դու դա գիտե՞ս, ― հարցնում է Բաբաոն, երբ նրանք մտնում են շենքը։
 
― Ո՛չ, չգիտեմ։
 
― Անցյալ մրցումներում ցատկելու գծով առջին տեղը բռնեցի։
 
Մի րոպե երկուսն էլ լռում են։ Հետո Բաբաոն նորից դիմում է Լին Մեծին հետևյալ հարցով․
 
― Այստեղ մի շատ հարուստ մարդ կա, ոմն պարոն Բաբախ, դու ճանաչո՞ւմ ես նրան։
 
― Ո՛չ, չեմ ճանաչում։
 
― Պարոն Բաբախը աշխարհի ամենախոշոր հարուստն է։ Նավթի արքան, որը հիմա ապրում է Ամերիկայում, հաճախ պարոն Բաբախից մեծ֊մեծ գումարներ է պարտք վերցնում։ Բայց պարոն Բաբախը տղա չունի։ Եթե դու նրա տղան դառնաս, ուրեմն իսկական հարուստ կլինես։
 
Լին Մեծը դարձյալ լռում է, և էլի Բաբաոն է սկսում խոսել․
 
― Ես կառավարական աստիճանավոր եմ, ու դա գիտե՞ս։
 
Ո՛չ, չգիտեմ։
 
― Ես կառավարական աստիճանավոր եմ, ― կրկնում է Բաբաբոն, այդ ընթացքում առանձնապես շեշտելով «կառավարական» բառը։ ― Բայց իմ աստիճանը փոքր է։ Իսկ ես ուզում եմ մեծ աստիճան ունենալ, ամենամեծ աստիճանը, այո, թող դա քեզ հայտնի լինի։ Ես ուզում եմ Պետական մինիստր դառնալ։ Պարոն Բաբախը հիանալի հարաբերության մեջ է թագավորի հետ, թագավորը հավատում է նրա ամեն մի խոսքին։ Եթե պարոն Բաբախը թագավորին ասի․ «Գիտես, թագավոր, դու պետք է Բաբաոյին դարձնես Պետական մինիստր», թագավորն անպայման ինձ կնշանակի մինիստր։ Դու ինձ հասկացա՞ր։
 
― Հասկացա, ― պատասխանում է Լին Մեծը։
 
Բաբաոն նայում է Լին Մեծին ոտից մինչև գլուխ և բավարարված իր զննումից, գլխով է անում։
 
― Այդ դեպքում կխնդրես քո հայրիկին, որ նա գնա թագավորի մոտ և․․․
 
Լին Մեծը ապշում է․
 
― Ո՞ր հայրիկին պիտի խնդրել։ Իմ հայրը մահացել է։
 
― Ես խոսում եմ պարոն Բաբախի մասին։ Չէ՞ որ դու պարոն Բաբախի տղան ես։ Մի՞թե դա այդպես չէ։
 
― Սպասեք։ Բայց ես ինչպե՞ս հանկարծ պիտի դառնամ պարոն Բաբախի տղան։
 
― Դե դա արդեն իմ գործն է։ Ա՛յ, տես, հիմա կդառնամ երկնային պատվիրակ, այսինքն՝ հրեշտակ։
 
Բաբաոն վերցնում է դիմափոշու տուփը և իր վրա ցանում ամբողջ դիմափոշին։ Մինչ այդ, Բաբաոյի մռութը կապտավուն֊սև էր, հիմա դառնում է գորշ֊մոխրագույն։ Դրանից հետո նա թշերին հաստ շերտով կարմիր ներկ է քսում, պահարանից հանում է կանացի մի զգեստ և հագնում։ Երբ ամեն ինչ պատրաստ է լինում, նա պտտվում է հայելու առաջ և աղվեսային իր քայլվածքով մոտենում է Լին Մեծին․․․
 
― Ես գեղեցի՞կ եմ։
 
― Գեղեցիկ ես։
 
― Նմա՞ն եմ ես հրեշտակի։
 
― Շա՜տ։
 
Բաբաոն պահարանից հանում է թղթե տոպրակը և ցույց է տալիս Լին Մեծին նրա պարունակությունը։
 
― Տեսնո՞ւմ ես, հավի հիանալի զույգ թևեր են։ Երեկ ես տասը հավ կերա, բայց այս թևերը պահեցի։
 
Այդ ասելով, Բաբաոն հավի թևերն ամրացնում է իր ուսերին։
 
Լին Մեծը քանի գնում, այնքան ավելի շատ է զարմանում։
 
― Իսկ սա ինչի՞ համար է։
 
― Մի՞թե չես հասկանում։ Նշանակում է դու մանկական հեքիաթներ չես կարդացել։ Արտասահմանյան մանկական բոլոր հեքիաթներում անպայման հանդես են գալիս բարի հրեշտակներ։ Եվ նրանք բոլորը թևեր ունեն։ Ախր չէ՞ որ ես ամեն ինչով պետք է նման լինեմ հրեշտակի։
 
Բաբաոն այնպես եռանդով է շուռումուռ գալիս հայելու առաջ, որ նույնիսկ քրտնում է։ Քրտինքը կաթում է քթի վրայով, սրբում է դիմափոշին ու կարմիր ներկը, սև մռութի վրա թողնելով սպիտակ ու կարմիր գծեր։
 
Եվ ահա երկնքի գեղեցկադեմ պատվիրակը վերջին անգամ նայում է իր զգեստին և ասում Լին Մեծին․
 
― Ինձ սպասիր այստեղ և մտքովդ չանցկացնես փախչել։ Եթե ուտել ուզենաս, պատուհանը բաց արա և թարմ օդ շնչիր։ Թարմ օդը շատ լավ հագեցնում է քաղցը։ Իսկ ես արդեն պետք է գնամ։
 
― Ցտեսություն։
 
― Զգուշացնում եմ՝ ոչ մեկին ոչ մի խոսք։ Այն, ինչի մասին մենք քեզ հետ խոսեցինք, դա գաղտնիք է։ Իսկ եթե շատախոսություն անես և գաղտնիքը հայտնես, դու հարստի տղա չես լինի, իսկ ես էլ՝ Պետական մինիստր։ Հասկացա՞ր։
 
― Հասկացա։
 
Բաբաոն կանգ է առնում դռների մեջ, մի փոքր մտածում, հետո մոտենում է պահարանին, այնտեղից հանում ձվի տորտը, իսկ պահարանը նորից փակում է բանալիով։ Խնամքով լիզելով տորտը, ասում է Լին Մեծին․
 
― Հրեշտակը պետք է ունենա քնքուշ, հրեշտակային ձայն, նա պետք է ամբողջ ժամանակ երգի։ Կարծում եմ, որ դրա տակից էլ դուրս կգամ։ Ես արդեն հնարել եմ «Հրեշտակի երգը»։
 
Վերջապես Բաբաոն գնում է։ Ճանապարհին նա ամբողջ ժամանակ կրկնում է իր «Հրեշտակի երգը»։ Սկզբում Լին Մեծը բառերը շատ լավ էր լսում։ Աստիճանաբար Բաբաոյի ձայնը հեռվից է գալիս, իսկ հետո նրա ձայնը այլևս չի լսվում․
 
<poem>
Ձվի տորտ քիչ չեմ կերել ես,
Գեղեցկադեմ աղվես Բաբաոն եմ ես։
Ձվի տորտ քիչ չեմ կերել ես, Գեղեցկադեմ Աղվես Բաբաոն եմ ես։
 
Ձվի տորտ Քիչ չեմ կերել ես, Գեղեցկադեմ աղվես Բաբաոն եմ ես։ Ձվի տորտ քիչ չեմ կերել ես․․․
</poem>
 
Եվ հանկարծ Լին Մեծը զգում է, որ սովածությունից գլուխը պտտվում է։ Նա մոտենում է պատուհանին, բաց է անում, որպեսզի թարմ օդ շնչի, բայց պատուհանի տակ կանգնած ոստիկանը ինչքան ուժ ունի բղավում է․
 
― Ի՞նչ է։ Փախչե՞լ ես ուզում։
 
― Ո՞վ ասաց, թե փախչել եմ ուզում, ― փնթփնթում է Լին Մեծը։ ― Ես շատ եմ ուզում Բաբախի տղան դառնալ․․․
 
 
==Գլուխ իններորդ==
 
Երկնքի պատվիրակը Պարոն Բաբախին երջանկություն է պարգևում
 
 
Բաբաոն դուրս է գալիս փողոց, կառք նստում և բղավում ձիուն․
 
― Դե, շարժվիր։ Ես պետք է գնամ պարոն Բաբախի մոտ։ Ինձ կհասցնես մինչև պարիսպը, իսկ պարտեզ ինքս կցատկեմ։ Հասկացա՞ր։
 
― Հասկացա, ― պատասխանում է ձին և անմիջապես ճանապարհ ընկնում։
 
Մի ակնթարթում կառքն արդեն բարձր պարսպի մոտ էր։ Այդ պարիսպ ամբողջապես ծածկված էր ամեն տեսակի մակագրություններով․
 
::::::Պարոն Բաբախի տունը
 
:::Պատերի վրա գրելն արգելվում է։
 
:::Նա, ով համարձակվի կեղտոտել այս պատը,
 
::::կենթարկվի պատժի
 
:::::::Մեթոդ կաբինետի կառավարիչ
 
Հարևան պատի վրա Բաբաոն կարդում է մի ուրիշ մակագրություն՝ հսկայական մեծ֊մեծ հիերոգլիֆներով փորագրված․
 
::Այս պատի վրա գրելը խստիվ արգելվում է
 
 
Հենց այստեղ էլ Բաբաոն կանգնեցնում է կառքը։ Առաջին հերթին նա զննում է պատը, որն ամբողջապես արծաթից էր և մոտ երեք մետր բարձրություն ուներ։ Արծաթը փայլում էր հայելու պես, և Բաբաոն չի դիմանում՝ մի անգամ էլ նայում է իրեն։ Նրա դեմքը բազմագույն էր, կարմիր, սպիտակ ու սև զոլերով։ Նա հենց այդպես էր ուզում իրեն տեսնել։
 
― Ինչ գեղեցիկ եմ, ― բարձրաձայն արտահայտում է նա իր հիացմունքը։ ― Օ՜, ինչքան եմ ես ինձ դուր գալիս։ Հա, ես դեռ Պետական մինիստր չեմ, բայց երբ որ մինիստր դառնամ, ես ինձ ավելի շատ դուր կգամ։ Ի՜նչ արած, պետք է այդ տղային իսկույն դարձնել պարոն Բաբախի տղան․․․ Բայց ինչպե՞ս անել։ Ախր պատը բարձր է․․․
 
Բաբաոն թափով վազում է՝ մեկ, երկու․․․ ա՜խ․․․ պարզվում է, որ միանգամից թռչելու համար այդ պատը շատ է բարձր։ Ավելին, Բաբաոն ընկնում է ու փռվում հատակին։ Իսկ նրա ձին սկսում է խրխնջալ ամբողջ փողոցով մեկ․
 
― Հա՜֊հա՜֊հա՜։ Տեր Բաբաոն թռավ պատից։
 
Բաբաոն կատաղում է զայրույթից։
 
― Թյո՛ւ։ Դու էլի ծիծաղո՞ւմ ես։ Կարծում ես չե՞մ կարող մագլցել։ Կտեսնես։
 
Բաբաոն ուժերը հավաքում է ու պատրաստվում․ մե՛կ․․․ երկո՛ւ․․․ երե՛ք ու պոկվում է գետնից։ Անմիջապես նա բարձրանում է պատին, այնտեղից թռչում ծառին, ճյուղի վրայով հասնում է բաց պատուհանին և աննկատելի սողոսկում պարոն Բաբախի տունը։
 
Մի քանի վայրկյան Բաբաոն թաքնվում է անկյունում ու հանգստանում, բայց միաժամանակ դիտում է սենյակը։ Նրա հայացքը կանգ է առնում պարոն Բաբախի վրա, որը քնել էր սենյակի կենտրոնում դրված ոսկե մահճակալին։ Բաբախը այնպես էր խռմփում, որ սարի պես մեծ փորին փռված երկծալ կզակը թրթռում էր քամու բերանն ընկած առագաստի պես։ Վրայի վերմակը ուշադիր զննելուց հետո պարզվեց, որ կարված է բանկի դրամանիշներից ու մուրհակներից։ Նայելով քնած Բաբախին, Բաբաոն հիշեց մի պատմություն, որը բազմիցս լսել էր դրսում։ Ասում էին, որ իբր պարոն Բաբախի սիրելի զբաղմունքը եղել է փայտոջիլներ բազմացնելը։ Նա պահում էր ավելի քան երեսուն հազար փայտոջիլ, և հենց որ գիշերը վրա է հասնում, դրանք բոլորը գնում են դեպի բարաքները, որտեղ ապրում են Բաբախի բանվորները՝ այնտեղ շատ հարմար է տափկնոցի խաղալը։
 
Հիշելով պարոն Բաբախի անձնական կյանքի այս մանրամասնությունները, Բաբաոն բոլորովին մոռանում է, թե ինքն ինչի համար է եկել։ Բայց հենց այդ ժամանակ ինչ֊որ մի ճանճ կծում է Բաբախին։ Նա սկսում է այնպես բարձր փնչացնել, որ Բաբաոն սթափվում է։
 
― Հա֊հա֊հա֊ա֊փչի՜։
 
Բաբախն այնպես բարձր է փռշտում, որ ինքն իր ձայնից արթնանում է։
 
Բաբաոն անմիջապես ոտքի է կանգնում և աղվեսային քայլվածքով գնում դեպի նրա անկողինը։
 
― Բաբախ, արթնացիր, ― բարակ ձայնով ծվծվում է նա։ ― Արթնացիր, Բաբախ։
 
― Ո՞վ է, ― քունը գլխին հարցնում է Բաբախը։
 
― Այդ ես եմ, երկնքի պատվիրակը։ Երկնքից ուղարկված հրեշտակը։
 
― Հրեշտա՞կ։ ― Բաբախը կարծում է, որ ինքը քնած է և երազում ինչ֊որ ծանոթ հեքիաթ է տեսնում։ ― Հրեշտակները շատ գեղեցիկ են լինում և ունենում են թևեր, ― հիշում է նա։ ― Ում ներկայանում է հրեշտակը, նրան երջանկություն է սպասվում, դա հայտնի է բոլորին։ Օ՜, ― բացականչում է նա, ծունկի չոքելով։ Նրա ձայնի մեջ աղերսանք է զգացվում։ ― Երկնքի գեղեցկադեմ պատվիրակ։ Երկնքի գեղեցկադեմ պատվիրակ։ Դու ներկայացար ինձ։ Անկասկած, դու կարևոր հանձնարարւթյո՞ւն ունես։ Դու ուզում ես ինձ երջանկացնե՞լ։ Դու ինձ սիրում ես, երկնքի գեղեցկադեմ պատվիրակ․․․ Բայց ինչո՞ւ են քո թևերը հավի թևերի նման։
 
― Երկնային բոլոր պատվիրակներինն էլ այսպիսին են, ― համեստորեն պատասխանում է Բաբաոն՝ հայացքը խոնարհելով։
 
― Դե, իհարկե։ Դու ինձ համոզեցիր, պետք է հավատալ սեփական աչքերին և ոչ թե հեքիաթներին։ Շուտ արա, խոսիր, երկնքի գեղեցկադեմ պատվիրակ, ի՞նչն է քեզ բերել ինձ մոտ։
 
― Ես քեզ կարևոր լուր եմ բերել։ Բայց դու դեռ շարունակում ես կանգնած մնալ մահճակալում և այն էլ այսպիսի տեսքով։ Նստիր․․․
 
― Այո՛, այո՛, իհարկե։ Խնդրում եմ քեզ, երկնքի գեղեցկադեմ պատվիրակ, քեզ զգա ինչպես տանը։ Ծխո՞ւմ ես, երկնքի գեղեցկադեմ պատվիրակ։
 
― Իհարկե։ Մի սիգարեթ տուր։
 
Բաբախն իսկույն հրամցնում է թանկարժեք սիգարեթ ու պատրաստակամորեն չխկացնում լուցկին։ Երկնքի պատվիրակը հանգիստ տեղավորվում է բազկաթոռի մեջ, ձախ ոտքը գցում է աջ ոտքին և, հաճույքով ձգվելով, ասում․
 
― Հիանալի սիգարեթ է։ Էքստրա։ Ցավոք սրտի երկնքում այսպիսի սիգարեթներ չկան։ Հա֊հա՜․․․ ուրեմն, Բաբախ, խոսենք գործի մասին։ Դու, կարծեմ, տղա չունե՞ս, Բաբախ։
 
― Այո՛։ Դա իսկապես ինձ շատ է վշտացնում։
 
― Իսկ դու կուզեի՞ր ունենալ։
 
― Դա ինչ հարց է որ։ Իհարկե կուզեի։ Երկնքի պատվիրակը կարո՞ղ է օգնել այդ բանում։
 
Բաբաոն ծուխը ներս քաշելով և մի փոքր հապաղելով, ասում է․
 
― Հը՜մ։ Հենց դրա համար եմ քեզ մոտ եկել, Բաբախ։ Ինձ հայտնի է, որ դու օրինավոր մարդ ես, դրա համար էլ եկա քեզ մի տղա պարգևելու։
 
Ուրախությունից Բաբապի շունչը կտրվում է․
 
― Ճի՞շտ։ Իսկ որտե՞ղ է նա, որտե՞ղ։
 
― Մի՛ շտապիր, ― ընդհատում է նրան Բաբաոն։ ― Երկնքի պատվիրակները ոչ մի գործ հապճեպ չեն կատարում, շտապողականություն չկա նրանց օրենքում։ Ես սոված եմ, Բաբախ, արդյոք չե՞ս հյուրասիրի ինձ որևէ բանով։ Գինի ունե՞ս։
 
Պարոն Բաբախը զանգը տալիս է։ Իսկույն անաղմուկ սենյակ են մտնում ծառաները՝ հսկայական սկուտեղները ձեռքներին, որոնց վրա շարված էին ամեն տեսակի կերակուրներ՝ հավի միս, գինիներ։ Կշտանալուց հետո Բաբաոն շարունակում է․
 
― Ուրբաթ օրը, Բաբախ, դու տղա կունենաս։ Այդ օրը, կեսօրվա ուղիղ ժամը երեքին, քո տան դարբասին կմոտենա սև կոստյումով մի տղա։ Հենց նա էլ կլինի քո տղան։ Ահա քեզ մատանի։ Սև կոստյումով տղան, որը ուրբաթ օրը կգա քեզ մոտ, կունենա նույնպիսի մի մատանի։ Հիշիր, այդ գաղտնի նշանը քեզ համար է։
 
Բաբախը լսում է, և նրա այտերի վրայով հոսում են երջանկության արցունքները։ Երբ Բաբաոն վերջացնում է խոսելը, երջանիկ հայրը ծնկաչոք ընկնում է նրա առաջ․
 
― Շնորհակալ եմ, երկնքի պատվիրակ։ Շնորհակալ եմ, երկնքի գեղեցկադեմ պատվիրակ։ Պահ, ես տղա ունեմ։ Ես տղա ունեմ։
 
― Լավ, հերիք է, լսիր, տես, թե ինչ եմ ասում քեզ։ Լրացել է քո տղայի տասը տարին։ Նա շատ խելացի տղա է, և դու ամեն ինչում պետք է լսես նրան։
 
― Այո՛, այո՛, իհարկե։
 
― Լավ։ Իսկ հիմա իմ գնալու ժամանակն է։
 
Դրանից հետո Բաբաոն վեր է կենում և գնում դեպի պատուհանը, որպեսզի համբառնի դեպի երկինք։ Մեկ․․․ երկու․․․ բայց այդ ժամանակ նա մի բան է հիշում։
 
― Ես տեսնում եմ, որ դու այստեղ մի փակ տուփ սիգարեթ ունես և մի շիշ գինի։ Թույլ չե՞ս տա արդյոք դրանք երկինք տանել։ Ես կուզենայի մերոնց հյուրասիրել։
 
Բաբախը ուրախությամբ տալիս է գինին ու սիգարեթները․․․ Աղվեսը թռչում է լուսամուտի գոգը և չքանում։
 
Բաբախը անակնկալ երջանկությունից հուզված՝ չոքում է և ձեռքերը տարածում դեպի երկինք։
 
― Շնորհակալ եմ, երկնքի գեղեցկադեմ պատվիրակ, շնորհակալ եմ․․․
 
 
==Գլուխ տասներորդ==
 
Պարոն Բաբախի տանը
 
Օրերն անցնում էին օրերի հետևից, և ահա գալիս է ուրբաթը։
 
Բաբաոն Լին Մեծի համար մի սև կոստյում է բերում և հրամայում է շորերը փոխել։
 
― Ուղիղ ժամը երեքին դու պետք է լինես Բաբախի տան դարբասի մոտ։ Ես քեզ մի մատանի կտամ, դու ցույց կտաս Բաբախին։ Այսօրվանից դու մեծ հարուստ ես։ Եթե պարոն Բաբախը քեզ հարցնի, թե դու որտեղից ես, կասես, որ երկնքից ես իջել։ Հասկացա՞ր։
 
― Հասկացա։
 
― Լավ, ― Բաբաոն խփում է Լին Մեծի ուսին։ ― Կրկնում եմ՝ այսօրվանից դու հարուստ ես։ Տես, հա՜ չմոռանաս հատուցել ինձ իմ գործադրած ջանքերի համար։
 
― Անպայման կհատուցեմ։
 
Նշանակված ժամի համար Լին Մեծն արդեն պատրաստ էր։ Վերցնելով Բաբաոյի նվիրած մատանին, նա ճամփա է ընկնում դեպի պարոն Բաբախի տունը։ Պարոն Բաբախի տան գլխավոր դարբասը մաքուր պողպատից էր, որը առատորեն ծածկված էր ալմաստով։ Տան մուտքի մոտ ձգվում էր կես կիլոմետրանոց մի ցուցանակ․
 
:::Պարոն Բաբախի տունը
 
Հենց այստեղ քարե արձանի պես անշարժ կանգնել էին քսանչորս աղվես՝ շքեղ զգեստներ հագած։ Հենց որ Լին Մեծը մոտենում է դարբասին, աղվեսները հարգալից խոնարհվում են մինչև գետին․
 
― Դո՞ւք եք պարոն Բաբախի որդին, ― հարցնում է աղվես֊ծառայապետը։
 
― Ես պարոն Բաբախի որդին եմ։ Ես երկնքից եմ իջել։
 
― Դուք մատանի ունե՞ք։
 
― Ահա, խնդրեմ։
 
Այդ ժամանակ էլ քսանչորս աղվեսները նորից խոնարհվում են մինչև գետին, խմբով բացականչելով․
 
― Օ՜, երիտասարդ պարոն, խնդրում ենք ձեզ։
 
Նույն ակնթարթում բացվում են դռները, և Լին Մեծի դիմաց կանգնում է փառահեղ մի կառք, որի դռների վրա փայլփլում էին չորս ոսկեզոծ հիերոգլիֆներ․
 
:::Բարի գալուստ երիտասարդ պարոն։
 
Քսանչորս աղվեսներ Լին Մեծին ուղեկցում են կառքի մոտ, հարգանքով ու պատվով նստեցնում են կառքը, և ձիերը թափով սլանում են առաջ։ Պարզվում է, որ պարոն Բաբախի բակը շատ մեծ է․ ստիպված մի ամբողջ ժամ գնում են։ Լին Մեծին դիմավորելու է դուրս գալիս ինքը պարոն Բաբախը։ Տեսնելով Լին Մեծի ճկույթի մատանին, նա աննկարագրելի հրճվանք է ապրում․
 
― Ես տղա՛ ունեմ։ Ես տղա՛ ունեմ։ Շուտ արա, թանկագինս, ինձ հայրիկ կոչիր։
 
― Հայրի՜կ, ― սիրով ասում է Լին Մեծը։
 
Բաբախը նետվում է տղային գրկելու, բայց նրան խանգարում է իր շատ մեծ փորը։ Նա փորձում է ձեռքերը մեկնել, սակայն էլի չի հասնում։ Բայց, այնուամենայնիվ, Բաբախը երջանիկ է, և փորն էլ ցնցվում է երջանիկ ծիծաղից։
 
― Ես աշխարհում ամենահարուստ մարդն եմ, ― ասում է նա։ ― Դու իմ տղան ես, դրա համար էլ հիմա աշխարհում երկու մարդ են հարուստների հարուստը։ Ես ամենաչաղ հարուստն եմ աշխարհում և կաշխատեմ այնպես անել, որ դու էլ չաղանաս, տղաս։ Օ՜, տղաս։ Ես տղա ունեմ։ Ինչպիսի՜ երջանկություն։ Այս երեկո ես հանդիսավոր ընդունելություն կկազմակերպեմ քո պատվին։ Ես ուզում եմ քեզ անուն դնել, այնպիսի անուն, որ լինի ամենագեղեցիկը։ Գիտե՞ս ինչ։ Ես քո անունը կդնեմ Ախ֊ախ։ Այդ անունը հիանալի է, ինչպես հառաչանքը։ Այժմ բոլորը քեզ այդ անունով կկոչեն։ Ես քեզ դպրոց կուղարկեմ, Ախ֊ախ, դու պիտի սովորես։
 
Այդ պահից արդեն Լին Մեծը դադարում է Դա Լին կոչվելուց։ Նա դառնում է Ախ֊ախ։ Մենք էլ ենք ստիպված այդ անունով կոչելու նրան, որովհետև նա այլևս ուրիշ անուն չունի։
 
Երբ Բաբախն ավարտում է իր սրտառուչ ճառը, Ախ֊ախը քաղաքավարի խոնարհվում է նրան և ասում․
 
― Ես շա՜տ, շա՜տ ուրախ եմ։ Ի՜նչ լավ սկսվեց ամեն ինչ։
 
― Մոտեցիր, իմ լավ տղա, համբուրիր ինձ։ Դե մոտեցիր։
 
Ախ֊ախը մոտենում է Բաբախին, բայց քանի որ հայրիկի փորի վրա բարձրանալը անհնարին էր, ուստի նա բերում է սեղանը, հետո աթոռը և, բարձրանալով դրանց վրա, համբուրում է իր նոր հորը։
 
Բաբախը հրավիրում է երկու հարյուր ծառա։ Նրանք ներկայանում են՝ սպասավորների վերջին մոդայով հագնված։ Երբ բոլորը շարվում են, Բաբախը նրանց դիմում է ճառով․
 
― Ես ձեզ նշանակում եմ երիտասարդ պարոնի՝ պարոն Ախ֊ախի, ծառաներ։ Դուք պետք է կատարեք նրա բոլոր ցանկությունները։ Առաջին հերթին փոխեք պարոն Ախ֊ախի շորերը, նա պետք է հագնի ամենալավ զգեստը։
 
Ծառաները հեռանում են։ Բաբախն Ախ֊ախին ասում է․
 
― Այս երկու հարյուր ծառաները քոնն են, տղա՛ս։ Նրանցից ոչ մեկն էլ անուն չունի, բոլորն էլ գրանցված են գույքամատյանում, և բավական է, որ դու նրանց կանչես գույքահամարով՝ առաջին, երկրորդ, երրորդ, երկու հարյուրերորդ․․․ Ոչ մի անհրաժեշտություն չկա նրանց իսկական անունները հիշելու։
 
Երկու հարյուր ծառա բերում են երիտասարդ պարոնի նոր զգեստը։ Նրանք հագցնում են Ախ֊ախին, նայում բոլոր կողմերից, հետո տանում են գեղեցիկ ու մաքուր մի սենյակ, որը բուրում է վարդաստանի պես։
 
― Ահա ձեր առանձնասենյակը, պարոն Ախ֊ախ։
 
Առանձնասենյակը սքանչելի էր։ Գրասեղանը մամլած շաքարից էր պատրաստված, բազկաթոռը՝ բարձրորակ շոկոլադից, որի նստելու տեղը փափուկ վարդագույն պաստիլայից էր։ Հատակն էլ, պարզվում է, որ գունավոր ապակուց էր շինված, որի մեջ, ինչպես հայելու մեջ, արտացոլվում էր կահ֊կարասին Բայց երբ Ախ֊ախը ավելի ուշադիր է նայում, նա գլխի է ընկնում, որ պարկետը շինված է սառնաշաքարից։
 
― Այ, հիմա լավ է, ― ասում է Ախ֊ախը։ ― Այժմ ես իսկապես երջանիկ եմ։ Ես դարձա հարուստ։ Այսուհետև ես կուտեմ ամեն բան, ինչ որ հարմար գտնեմ, լավ կհագնվեմ և ոչ մի գործ չեմ անի։ Շատ լավ է։ Ինչպես չսիրեմ ես իմ նոր հայրիկին։
 
Ծառաները երիտասարդ պարոնին իր առանձնասենյակից տանում են Բաբախի սենյակը։ Բաբախի մոտ այդ ժամանակ նստած է լինում բժիշկը և ինչ֊որ բան էր բացատրում նրան։
 
― Խնդրում եմ ձեզ, պարոն Բաբախ, հանգստացեք, խնդրում եմ, ― ասում է բժիշկը։ ― Հիվանդությունը վտանգավոր չէ։ Ես այսօր նրան երեք ասեղ էլ կսրսկեմ, և նա բոլորովին կառողջանա։ Բաբախը ոտքի է կանգնում․
 
― Լավ, ես ձեզ հավատում եմ։ Իսկ հիմա գնանք հիվանդին տեսնելու։ Դու էլ արի ինձ հետ, Ախ֊ախ։
 
Բաբախը բռնում է Ախ֊ախի ձեռքից, և երեքով գնում են այն սենյակը, որտեղ պառկած էր հիվանդը։ Նրա մահճակալի մոտ լուռ կանգնել էին տասնութ գթության քույրեր։ Բժիշկը դեռ ներս չմտած, նրանք հազիվ լսելի ձայնով նախազգուշացնում են․
 
― Հիվանդը քնած է։
 
― Նա ցո՞ւրտ է զգում։
 
― Կարծես թե ոչ։
 
― Ուրեմն ամեն ինչ կարգին է։ ― Բժիշկը շփում է ձեռքերը և մեղմ ժպտում։ ― Հիմա ես նրան կսրսկեմ։ Ախ֊ախը զարմանում է։
 
«Իսկ որտե՞ղ է հիվանդը։ Մահճակալը կարծես թե դատարկ է, թե ես կուրացե՞լ եմ», ― մտածում է նա։
 
Ախ֊ախը մոտենում է մահճակալին, նայում է վերմակի տակ․․․
 
Պարզվում է, որ հիվանդը մի փայտոջիլ է։
 
Բժիշկը սրսկում է առաջին ասեղը և տասնութ քույրերին ասում․
 
― Իսկ հիմա թող հիվանդը քնի, ոչ մի բան չպետք է խանգարի նրա քունը։ Նրան կարթնացնեք ուղիղ վեցն անց քառասունյոթ րոպե հիսունութ վայրկյանին։ Կաթ կտաք, որից հետո կդնեք սեղանի վրա, թող նա մի քիչ ման գա։
 
Համապատասխան կարգադրություններ անելով՝ բժիշկը հաստատուն քայլերով հեռանում է։
 
Բաբախը բռնում է Ախ֊ախի ձեռքից և զգույշ, ոտքերի ծայրերի վրա քայլելով, դուրս է գալիս սենյակից։
 
― Սա աշխարհահռչակ բժիշկ է։ Միայն մի հիվանդություն բուժելու համար նա հազար երկու հարյուր ոսկի է վերցնում։ Իսկ հիմա գնանք, մեզ հանգստանալ է պետք․․․
 
Ցերեկվա ժամը հինգին Բաբախին է ներկայանում մեզ արդեն ծանոթ Հրեշը։ Նրա վիթխարի, պղնձե գունդի նման աչքերը կրակ էին ժայթ քում։ Աջ թաթի վրա, որն ամբողջապես ծածկված էր խոտով, սպեղանի կար կպած։
 
Ախ֊ախը, որ այդ ժամանակ նստած է լինում հոր առանձնասենյակում, վախից թաքնվում է սեղանի տակ։ Իսկույն ճանաչում է այդ նույն Հրեշին, որն անցյալ շաբաթ ուզում էր ուտել իրեն ու Լին Փոքրին։
 
― Ախ, ո՞ւր ես մտնում Ախ֊ախ, ― նրա թևից բռնում է հայրը, ոչինչ չհասկանալով։ ― Մի վախենա։ Հրեշը ենթարկվում է ինձ, նա մեզ մոտ ծառայության մեջ է։ ― Այս խոսքերով նա շուռ է գալիս դեպի Հրեշը, որ նրան ծանոթացնի Ախ֊ախի հետ․
 
― Սա իմ որդդին է։ Երկնքի գեղեցկադեմ պատվիրակն է պարգևել։
 
Հրեշը խոնարհվում է մինչև գետին։
 
― Մենք բարեկամներ կլինենք, թանկագինս, ― բղավում է նա ինչքան ուժ ունի։
 
― Հը, ի՞նչ կա, ― հարցնում է Բաբախը նրան։
 
― Առայժմ ոչինչ։ Ես ուզում էի իմանալ, արդյոք որևէ հանձնարարություն չունե՞ք։
 
― Ոչ։ Իսկ այդ ի՞նչ սպեղանի է։
 
― Ա՜խ, սա՞։ Դատարկ բան է․․․ Պատահաբար լուսնի ծայրին կպա ու չանկռեցի։
 
― Լավ։ Այսօր ես ոչ մի հանձնարարություն չունեմ քեզ տալու, կարող ես գնալ։ Երեկոյան ես հանդիսավոր ընդունելություն եմ կազմակերպում իմ որդու պատվին։
 
Հրեշը խոնարհվում է նրանց առաջ մինչև գետին և փքված հեռանում։
 
― Սա շատ ճշտապահ աշխատող է, ― ասում է Բաբախը Հրեշի հեռանալուց հետո։ ― Նա ամեն օր գալիս է ինձ այցելության։
 
― Ախ֊ախը մնացել էր զարմացած։
 
«Հիանալի է։ Ուղղակի հիանալի է։ Վերջապես ես հարուստ մարդ դարձա, ամեն ինչ հաջող է գնում։ Եվ այդ Սյաո Լին որտեղի՞ց էր հնարել, թե հարուստ լինելը վատ բան է․․․ Հա՛, բայց որտե՞ղ է նա հիմա։ Հաջողվե՞ց նրան հարուստ մարդ դառնալ, թե ոչ։ Դու գիտե՞ս, Սյաո Լին, թե ինչ ասաց իմ նոր հայրիկը։ Նա ասաց, որ ինքը ամենահարուստ հարուստն է աշխարհում։ Մեկ էլ՝ ամենահաստ հաստն է աշխարհում, իրենից հաստ ոչ ոք չկա։ Ամենահաստ հարուստն է և ամենահարուստ հաստն է։ Ես էլ չեմ ուզում հաստանալ»։
 
Նրան իր մտորումներից հանում է Բաբախը։
 
― Ես ուզում եմ քեզ որոշ բաներ հայտնած լինել, Ախ֊ախ, ― ասում է նա։ ― Նախ դու պետք է լսող լինես։ Երկրորդ, դու ոչ մի բան չպետք է անես։ Ինչ որ քեզ պետք է, բոլորը քո ծառաները կանեն։ Դու ինձ հասկացա՞ր, Ախ֊ախ։
 
― Հասկացա։
 
― Դե լավ է, տղաս։ Մոտեցիր, համբուրիր ինձ։
 
― Այս անգամ արդեն Ախ֊ախը գիտեր, թե ինչ պետք է աներ, որ համբուրեր հորը։ Բայց նա մինչ քաշում բերում է աթոռը այնպես է հոգնում, որ բոլորովին հալից ընկնում է։
 
 
==Գլուխ տասնմեկերորդ==
 
Հանդիսավոր ընդունելություն
 
 
Երեկոյան ժամը իննին պարոն Բաբախի տանը սկսվում է հանդիսավոր ընդունելությունը։ Նրանց մեջ էին և՛ Պիպն ու Պիպինը, և՛ Չորսանգամ Չորսը։ Հենց որ Չորսանգամ Չորսը տեսնում է պարոն Բաբախին, մոտենում է նրան, կռանում և խոնարհաբար գլուխ տալիս։
 
― Դուք տղա ունեք։ Ամբողջ հոգով ցանկանում եմ ձեզ առողջություն֊ջություն։
 
Գալիս է երկարամորուք թագավորը։ Թագավորի հետևից հպարտ֊հպարտ քայլում է նրա հաստլիկ աղջիկը՝ արքայադուստր Ալ Վարդը։ Ալ Վարդի հետևից քայլում են երկու հարյուր օրիորդներ, որոնցից յուրաքանչյուրն անպայման ինչ֊որ բան է բերում ձեռքերի վրա բռնած։ Օրիորդների մի մասը բերում է օծանելիքի սրվակներ ու շշեր, մյուսները՝ ինչ֊որ ամաններ, փոքրիկ բանկաներ, դիմափոշու տուփեր, երրորդները՝ պայուսակներ, բոնբոներկաներ, չորրորդի թիկունքից կարելի էր կռահել, որ մեծածավալ կաշվե ճամպրուկ է տանում, իսկ մի մասն էլ ծանրաբեռնված է լինում զանազան փաթեթներով, ստվարաթղթե տուփերով, զարդատուփերով։
 
― Թույլ տվեք ձեզ մի փոքրիկ հարց տալ, ― վախվխելով հարցնում է Պիպին Չորսանգամ Չորսը, որն առաջին անգամ էր ներկա լինում նման ընդունելության։ ― Ո՞ւր է պատրաստվում գնալ արքայադուստր Ալ Վարդը։ Ինչո՞ւ է իր հետ այդքան բեռնե֊եռներ վերցնում։ Թե՞ նա նոր բնակարան է տեղափոխվում֊փոխվում։
 
― Ի՞նչ բեռներ, ― զարմանում է Պիպը։ ― Այդ բոլորը արքայադստեր հարդարանքի պարագաներն են։
 
― Հը՜մ։ Հիմա հասկացա, թե նա ինչու է այդքան գեղեցիկ֊ղեցիկ։
 
Խոսողներին է մոտենում Պիպինը։ Նա հասարակության մեջ շատ կրթված աղվեսի համբավ է վայելում, դրա համար էլ այստեղ բոլորը նրան հատուկ հարգանքով են վերաբերվում։
 
― Տեսեք, թե ի՜նչ հմայիչ է մեր արքայադուստր Ալ Վարդը, ― բացականչում է Պիպինը։ ― Ի՜նչ նազանքով է քայլում նա իր շքախմբի առջևից։ Նա այնքան հմայիչ է, կարծես բադիկ լինի։ Այո՛, այո՛, պարոններ։ Եվ նրա փոքրիկ երեսն էլ համարյա այնպիսին է, ինչպես բադիկինը։ Բա ձայնը։ Իսկապես, դժվար է այն տարբերել բադի հմայիչ կանչոցից։ Այո՛, պարոններ, բադերը պատկանում են թռչունների ամենաազնվացեղ ընտանիքին։ Անտարակույս, նորին մեծության թագավորի նախնիներից մեկը բադաքլոր է եղել։
 
Թագավորը հրճվում է, լսելով այդ բառերը։
 
― Դու խելացի ես, Պիպին։ Մենք քեզ որպես օրինակ կբերենք թագավորության ամբողջ պաշտոնյաների առաջ։ Վաղն արի մեզ մոտ, կխորհրդակցենք։
 
― Լսում եմ և հնազանդվում, ― քաղաքավարի խոնարհվում է թագավորին Պիպինը։
 
Այդ ժամանակ հյուրերի բազմությունը շրջապատում է արքայադստերը և հիանում նրանով։ Յուրաքանչյուրն իր պարտքն է համարում խոնարհ գլուխ տալ նրան։ Բայց արքայադուստր Ալ Վարդը ոչ մեկին չի նկատում։ Նա իրեն համարում է թագավորության առաջին գեղեցկուհին և նրա կարծիքով պատշաճ չէ, որ արքայադուստրը նայի ուրիշին։ Դրա համար էլ, որպեսզի խոսակցին չտեսնի, նա աչքերը շարունակ դեպի երկինք է գցում։
 
Առաջ է խցկվում պարոն Չորսանգամ Չորսը և սկսում է արքայադստեր հետ խոսել եղանակի մասին․
 
― Սիրելի արքայադուստր, այսօր ի՜նչ հիանալի եղանակ է֊նակ է։
 
Ալ Վարդը դաստիարակված արքայադուստր էր, դրա համար էլ նրան պատասխանում է շատ քաղաքավարի․
 
― Այո֊ո՜֊ո՜֊ո՜, մեր թագավորությունում ոչ մեկը ինձնից գե֊գե֊գեցեցիկ չի։ Ո՛չ մեկը։
 
Պետք է ասել, որ արքայադուստր Ալ Վարդը ընդհանրապես ուշադրություն չէր դարձնում, թե ինչ են ասում իրեն։ Նրան ասում էին մի բան, իսկ պատասխանում էր մի ուրիշ բան։ Դա զրուցելու նրա սովորությունն էր։
 
Ախ֊ախի ձեռքից բռնած՝ մոտենում է Բաբախը․
 
― Թույլ տվեք ներկայացնել, չքնաղ արքայադուստր, իմ որդուն։ Ահա նա, իմ սյուրպրիզը։ Ա՛խ․․․
 
Արքայադուստր Ալ Վարդը անբնական չռում է աչքերն ու ասում․
 
― Ա՜խ։ Ես֊ես֊ես ես այնպե՜ս եմ սիրում երգել։ Ես այնպես գե֊գե֊գե֊գե֊գեղեցիկ եմ երգում։
 
― Այո՜․․․ Ես խոնարհվում եմ ձեր տաղանդի առաջ, ― գլուխ է տալիս Բաբախը։ ― Իսկ թագաժառանգը դեռ չի՞ ժամանել։ Չէ՞ որ ես մինչև հիմս իմ որդուն չեմ ծանոթացրել նրա հետ։
 
― Նորին մեծություն թագաժառա՜նգը, ― լսվում է այդ ժամանակ ծառայապետի բարձր ձայնը, և բոլոր հավաքվածները գնում են հյուրին դիմավորելու։
 
Օգտվելով իրարանցումից, Պիպը հարցնում է Ախ֊ախին․
 
― Իսկ ձեր կարծիքով, երիտասարդ պարոն, արքայադուստր Ալ Վարդը իսկապե՞ս գեղեցիկ է։
 
― Նա ուղղակի սքանչելի է, ― սիրով պատասխանում է Ախ֊ախը։
 
― Իսկ թագաժառա՞նգը։ Գեղեցի՞կ է նա, ի՞նչ եք կարծում։
 
― Շա՜տ, ― պատասխանում է Ախ֊ախը։ ― Բայց նորին մեծությունը ինչ բարձրահասա՜կ է։
 
Թագաժառանգն իսկապես շատ բարձրահասակ է լինում։ Վերջերս, փողոցով անցնելիս, նա գողացել էր մեկի պատշգամբում փռած լվացքը։ Նրա համար դժվար չէր ձեռքը հասցնել մինչև քաղաքի ամենաբարձր շենքի վերջին հարկը։ Թագաժառանգն ուշադրություն է գրավում նաև իր քթով, որ ավելի շուտ մանուշակագույն էր, քան կարմիր։
 
― Գեղեցիկը գեղեցիկ եմ, այդ մասին խոսք լինել չի կարող, ― ասում է թագաժառանգը, դիմելով Պիպին ու Ախ֊ախին, ― բայց ա՛յ քիթս իսկապես անհարմար դրության մեջ է գցում ինձ։
 
― Իսկ ինչո՞ւ է ձեր քիթն այդպես։
 
― Դե տեսնում եք, ես բավականին բարձրահասակ եմ։ Իսկ երկնքի օդի ջերմաստիճանը ավելի ցուրտ է, քան երկրինը, դրա համար էլ քիթս միշտ սառչում է։
 
Մինչև նրանք կծանոթանային, ներս է վազում ծառայապետ աղվեսը և ինչ֊որ բան է շշնջում Բաբախի ականջին․
 
― Ժամանել է նորին մեծության արյան արքայորդին։
 
Դուռը բացվում է, և դահլիճ է մտնում արյան արքայորդին։ Անփութորեն բարևելով մուտքի մոտ հավաքված հյուրերին, նա խոր գլուխ է տալիս Բաբախին։
 
― Ցանկանում եմ ձեզ բազմաթիվ ուրախություններ, պարոն Բաբախ, և մեծ երջանկություն։ Այժմ դուք էլ ուղիղ գծով ժառանգ ունեք։ Հի՜֊հի՜։ Այսպես ասած տոհմի շարունակողը։
 
Արյան արքայորդին թագավորի կրտսեր եղբայրն էր, անունը․․․ Ո՛չ, նա օտարերկրյա անուն ուներ, այնքան երկար, որ միանգամից չես էլ կարող ասել։ Ահա այդ անունը․ նորին մեծության արյան արքայորդի լինում է չի լինում մի թագավոր է լինում այդ թագավորը ունենում է երեք տղա երբ թագավորը ծերանում է հրամայում է իր որդիներին գնալ արկածներ որոնելու տղաները լսում են հորը և ճանապարհ են ընկնում արկածներ որոնելու թագավորի այդ տղաները քաջարի ասպետներ են լինում և երբ նրանք վերադառնում են թագավորը շատ է ուրախանում այստեղ էլ հեքիաթը վերջանում է։
 
― Ինչո՞ւ եք դուք այդքան երկար անուն ընտրել ձեզ համար, հարգելի արքայորդի, ― հարցնում է Բաբախը։
 
― Ես արյան արքայորդին եմ, հետևաբար պատկանում եմ ամենահայտնի տոհմին։ Իսկ պետք է որ ազնվական տոհմի ներկայացուցիչների անունները ինչ֊որ բանով տարբերվեն հասարակ մարդկանց անուններից։ Թեկուզ երկարությամբ։
 
― Բայց ձեր անունը շատ դժվար է հիշելը։
 
― Միևնույն է, դուք առավոտից մինչև երեկո ոչ մի գործ չունեք անելու, ճի՞շտ է։ Դե ուրեմն անգործ նստելու փոխարեն սովորեք իմ անունը։ Ձեզ համար դա հիանալի ժամանց է։
 
Բաբախը խոնարհվում է, համաձայնելով նրա կարծիքին։
 
― Իսկապես չգիտեմ, թե ինչպես արտահայտեմ իմ երախտագիտությունը այսպիսի խորհրդի համար։
 
Եվ ահա հյուրերին հրավիրում են սեղանի մոտ։ Այդ սեղանն ունենում է մոտ մի տասը կիլոմետր երկարություն։ Բայց հյուրերի թիվը այնքան շատ է լինում, որ նրանք հազիվ են տեղավորվում նրա շուրջը։
 
Ամենից շատ ուտում, խմում և խոսում է պարոն Չորսանգամ Չորսը։
 
― Սա հրաշալի կերակուր է, ― հիանում է նա։ ― Սա անհամեմատ ավելի համով է, քան հավի ձուն։
 
Սեղանից չհեռանալով, Չորսանգամ Չորսը ուտում է յոթանասուն եզ, հարյուր խոզ, վեց փիղ, հազար երկու հարյուր ձու, երեսուն հազար աքլոր։ Յուղն առվի պես հոսում է հատակին և, եթե Ալ Վարդը արքայադուստր չլիներ, պարոն Չորսանգամ Չորսը կարող էր երդվել, որ նա այս յուղի մեջ այնքան հաճելի տեսք կունենար, ինչպես թավայի մեջ տապակած բադիկը։
 
Ախ֊ախը նստել էր Բաբախի կողքին։ Երկու հարյուր ծառաներ սպասարկում էին նրան։ Ինչ֊որ Ախ֊ախն ուզում էր փորձել, կարիք չէր լինում, որ նա ձեռքը մեկներ, նրա փոխարեն ամեն ինչ անում էին ծառաները։ N 1 ծառան կերակուրը դնում էր Ախ֊ախի բերանը, N 2 ծառան պահում էր նրա վերին ծնոտը, N 3 ծառան կզակն էր բռնում և հրամաններ տալիս։
 
― Մեկ․․․ երկու, երեք․․․
 
N 2 և N 3 ծառաները իսկույն սեղմում և բաց էին անում Ախ֊ախի ծնոտը, որպեսզի կերակուրը լավ ծամվի։ Եվ այդ բոլորը անում էին առանց Ախ֊ախին նեղություն պատճառելու։
 
Դրանից հետո N 2 և N 3 ծառաները մի կողմ էին քաշվում, տեղը զիջելով N 4 ծառային, որը բաց էր անում Ախ֊ախի բերանը։ N 5 ծառան հայելին ձեռքին մոտենում էր ու արևի շողերն ուղղում դեպի Ած֊ախի բերանը։ Համոզվելով, որ կերակուրը ծամված է, նա հրամայում էր․
 
― Սկսիր։
 
N6 ծառան բռնում էր Ախ֊ախի վերին ծնոտը, իսկ N 7 ծառան՝ կզակը, և երկուսով բացում էին նրա բերանը՝ որքան հնարավոր է լայն։ Մոտենում էր N 8 ծառան փայտը ձեռքին, որը շատ նման էր հրանոթի մաքրիչին, և ծամված կերակուրը հրում էր ստամոքսի մեջ։ Ախ֊ախին պետք չէր ուժ գործադրել նույնիսկ կուլ տալու համար։
 
Ախ֊ախը շատ գոհ էր։
 
«Այ քեզ բախտ, ― մտածում էր նա։ ― Ինչպիսի՜ բախտ»։
 
Այդ ժամանակ սեղանին է բարձրանում Պիպը և բարձրաձայն խնդրում, որ ուշադիր լինեն։
 
― Պարոններ։ Այսօր մենք նշում ենք մի մեծ օր, պարոն Բաբախի տղա ձեռք բերելու օրը։ Մենք եկել ենք այստեղ, որպեսզի շնորհավորենք և ողջունենք պարոն Բաբախին։ Թույլ տվեք կենաց առաջարկել և կարդալ հատկապես այս առիթով իմ գրած ներբողը։
 
<poem>
Հա՜ֆ, Հա՜ֆֆ․․․
Վիթխարի դդումն աճում է փարթամ հսկա֊կաղնու վրա։
Ծաղիկների մեջ կորչում է արքայադուստր Ալ Վարդը։
Բոլորը կերա, ինչ֊որ տվին ինձ այս ճոխ ճաշկերույթին։
Օ՛, ինչպես կուզեի․․․
</poem>
 
Ներդրողը մինչև այստեղ կարդալուց հետո հանկարծ Պիպը ծափահարում է։ Բոլորը բուռն ծափահարում են։
 
― Տաղանդավո՜ր է։ Հանճարե՜ղ է։
 
― Ներեցեք, ― ոտքի է կանգնում Բաբախը, ― բայց վերջին տողը ինձ համար այնքան էլ պարզ չէ։ Ի՞նչ էիք ուզում դրանով ասել, պարոն Պիպ։
 
― Այա թե ինչ․ «Օ՜, ինչպես կուզեի ես այստեղ հավիտյան մնալ և ոչ մի տեղ, նույնիսկ տուն չգնալ»։ Բայց հանգը չի ստացվում։ Դրա համար էլ որոշեցի, որ ավելի լավ է այս բառերը դեն գցել։
 
Այժմ ծափահարում է նաև Չորսանգամ Չորսը․
 
― Այո՛֊ո, Պիպը գլուխ է, հա՜։ Ամենաիմաստուն գլուխ֊լուխը։
 
Թագաժառանգը, որն այդ ժամանակ նստել էր պարոն Չորսանգամ Չորսի կողքին, նկատում է, որ նրա ափսեում մեծ քանակությամբ հավի ձու կա։ Ճարպիկ շարժումով նա մի ձու է վերցնում։
 
― Ո՞վ քեզ թույլ տվեց գողանալ իմ հավի ձուն֊ուն, ― բղավում է Չորսանգամ Չորսը։
 
― Սը՜ս։ Պետք չէ աղմկել, ― փորձում է նրան հանգստացնել թագաժառանգը և մեղմ շշնջում է․ ― բա մենք քեզ հետ ընկերներ չե՞նք։
 
― Քեզ ի՞նչ ընկեր֊կեր։
 
Այս ասելով, Չորսանգամ Չորսը վերցնում է թագաժառանգի գողացած հավի ձուն և դնում իր ափսեի մեջ։ Որպես պատասխան, թագաժառանգը կսմթում է Չորսանգամ Չորսի ոտքը։
 
― Ետ տուր։
 
― Չեմ տա֊ա։
 
― Չէ՞ որ ձուն արդեն իմ ձեռքում էր, ես էի վերցրել, ուրեմն իրավունքն իմ կողմն էր։ Դու, դու, դու համարձակվում ես ինձնից խլել իմ սեփականությունը։ Դու ոտնահարում ես թագավորական օրենքը։
 
Չորսանգամ Չորսը ձուն արագ դնում է բերանը և սկսում է մռնչալ, ուժգին շարժելով ծնոտները։
 
― Ի՞նչ թագավորական օրենք֊րենք։ Ի՞նչ է, մենք խա՞ղ ենք խաղում այստեղ հավաքված֊ված։
 
Թագաժառանգը արդեն պատրաստվում է պատասխանել նրա այդ հարձակմանը, բայց հենց այդ ժամանակ պատուհանի տակ լսվում է ղունղունացող աղջկա ձայն․
 
― Ախ, կարմրաքիթ թագաժառանգ։ Դու գերեցիր ինձ։ Ես սիրահարված եմ քեզ։
 
― Ո՞վ կարող է լինել։ Մի ակնթարթ բոլորը զարմանքից շշմում են։
 
Պատուհանի գոգին կանգնել էր կոկորդիլոսի սիրունատես դուստրը, որի հետ մենք արդեն ծանոթ ենք։ Դա քույրիկ Էլյույն էր։ Նա ուղղակի փողոցից էր բարձրացել այստեղ։
 
Հենց որ թագաժառանգը տեսնում է նրան, վախից կծկվում է և շտապում է թաքնվել Բաբախի հետևը։ Եվ սկսում է աղիողորմ լաց լինել․
 
― Բ֊բ֊բ֊բ֊բարի գործ ա֊ա֊ա֊ա֊արա։ Բ֊բ֊բ֊բ֊բարի գործ ա֊ա֊ա֊արա։ Դադարիր ինձ սիրելուց։
 
― Դու քրքրում ես իմ սիրտը, ― բացականչում է քույրիկ Էյույը։ ― Ինչ ուզում ես, ասա, ես քեզ եմ սիրում։
 
Այս ասելով քույրիկ Էյույը լուսամուտից թռչում է ու հարձակվում թագաժառանգի վրա։ Թագաժառանգը գլխապատառ փախչում է նրանից։ Նրանք պտտվում են սեղանի շուրջը։
 
― Հասեք․․․ Օգնեցեք․․․ ― բղավում է թագավորը։ ― Դուրս վռնդեք այս աղջկան։ Շուտ արեք, վռնդեք նրան այստեղից։ Թագավորական Օրենսգրքի հազար վեց հարյուր ութսունյոթերորդ հոդվածում ասված է․ «Եթե քույրիկ Էյույը իրեն թույլ տա հետապնդել թագաժառանգին, անհրաժեշտ է նրան իսկույն ևեթ վռնդել»։ Դո՜ւրս վռնդեցեք։
 
Եվ թագավորն սկսում է քաշել քույրիկ Էյույի պոչից։ Բայց սա էլ իր հերթին բռնում է թագավորի մորուքից։ Ցավից թագավորը կաղկանձում է, աչքերից արցունքներ են ցայտում։
 
― Կրյա֊կրյա֊կրյա֊ա֊ա֊ա․․․ ― անհանգիստ կռկում է արքայադուստր Ալ Վարդը, գիտակցությունը կորցնելով։
 
Այդ անտանելի Էյուին սկսում է հետապնդել արյան արքայորդիին, որն իզուր չէր, որ քաջ ասպետի համբավ էր վայելում։
 
― Իսկ ես, միևնույն է, սիրում եմ թագաժառանգին, ― բղավում է քույրիկ Էյույը, խուսափելով նրանից։ ― Ի՞նչ ես ուզում։ Ո՞ւր ես դու ինձ քարշ տալիս։
 
Արյան արքայորդին կատաղությունից բռունցքով խփում է իր կրծքին․
 
― Ես թագաժառանգի հորեղբայրն եմ։ Պարտավոր եմ օգնել բարեկամիս, թե ոչ։ Գուցե ես քեզ դուր չեմ գալիս, քույրիկ Էյույ։ Ես արյան արքայորդին եմ՝ լինում է չի լինում մի թագավոր է լինում այդ թագավորը ունենում է երեք տղա երբ թագավորը ծերանում է հրամայում է իր տղաներին գնալ արկածներ որոնելու թագավորի այդ տղաները քաջարի ասպետներ են լինում և երբ նրանք վերադառնում են թագավորը շատ է ուրախանում այստեղ էլ հեքիաթը վերջանում է։ Դու պետք է պատասխան տաս քո խոսքերի համար։
 
Մինչև արյան արքայորդին կարտասաներ իր անունը, քույրիկ Էյույին հաջողվում է պոկվել նրանից և նորից հետապնդել թագաժառանգին։ Ճանապարհին նա գոտու տակից հանում է հայելին և նայելով նրա մեջ ու առանց հետապնդումն ընդհատելու, սկսում է դիմափոշի քսել։
 
― Պի֊իպ, ― վնգվնգում է թագավորը, ― խնդրում եմ քեզ քույրիկ Էյույին հրամայիր թող գնա։ Չէ՞ որ դու նրա տերն ես, նա միայն քեզ է լսում։
 
Պիպը ծափ է տալիս․
 
― Քույրիկ Էյույ, գնա տուն։
 
― Քույրիկ Էյույը իսկական կոկորդիլոսի արցունքներ է թափում և շուռ է գալիս դեպի դուռը։ Շեմքին նա կանգնում է, դառնում է դեպի թագաժառանգը, ձեռքերը կանթելով, բարձր ասում է, որ բոլորը լսեն․
 
― Ախ, կարմրաքիթ թագաժառանգ։ Դու չգիտես, թե ինչ է կատարվում իմ սրտում։ Դու բոլորովին չգիտես, թե ինչ է կատարվում իմ սրտում։
 
Միայն դրանից հետո վերջապես նա գնում է։
 
Եվ այդ ժամանակ բոլորը նորից նստում են իրենց տեղերը։ Խնջույքը վերսկսվում է։ Չորսանգամ Չորսը ուտում է նորից յոթանասուն եզ, հազար հինգ հարյուր հաց և ութ հարյուր երեսուներկու խոզ։ Վերջացնելով ուտելը, նա ափսոսանքով հառաչում է․
 
― Ափսոս։ Դժբախտաբար ես դեռ չեմ կշտացել։
 
― Այո֊այո֊այո֊այո֊այո֊այո, ― արձագանքում է արքայադուստր Ալ Վարդը, որն արդեն ուշքի էր եկել։ ― Ես առաջին գե֊գե֊գե֊գե֊գե֊գեղեցկուհին եմ աշխարհում։ Առաջին գե֊գե֊գե֊գե֊գե֊գեղեցկուհին։
 
Հյուրերը հեռանում են միայն ուշ գիշերով։ Երբ նրանց հետևից փակվում է դուռը, Բաբախը կանչում է գլխավոր հաշվետարին և խստորեն նայելով նրան, հարցնում է․
 
― Հը՜լ, Կվիս, շա՞տ ենք ծախսել ընդունելության համար։
 
― Ես մի քանի հաշիվ ունեմ, ― պատասխանում է Կվիսը։ Դրանք բոլորը կեսօրից հետո են ստացվել։
 
Նա հաշիվները դնում է պարոն Բաբախի առաջ, նրա ուշադրությունը հրավիրելով ընդհանուր գումարի վրա․
 
23.000.000.000.000.000.000.000.000.000.000.000.000.000
 
― Իսկ որքա՞ն է կազմում այդ բոլորը։ Փորձենք հաշվել։ Ընդամենը 41 թիվ, սա շատ չի․ մեկ, տասը, հարյուր, հազար, միլիոն, միլիարդ, տասը միլիարդ․․․
 
― Այո՜֊ո՜ ― հոգոց է հանում պարոն Բաբախը։ ― Մեր ծախսերը, Ախ֊ախ, քիչ չեն, բայց եկամուտն, անշուշտ ավելի շատ է։ Մենք քեզ հետ ունենք բազմաթիվ հանքեր, երկաթուղային ճանապարհներ, ունենք և՛ ֆաբրիկաներ, և՛ գործարաններ․ և՛ խանութներ, և՛ բանկեր և՛ ․․․
 
«Ա՛յ սա հայր է», ― ուրախ մտածում է Ախ֊ախը։
 
 
==Գլուխ տասներկուերորդ==
 
Թագավորական ընտանիքի տարրական դպրոցը
 
 
Անցնում է մի քանի օր։ Բաբախը կատարում է իր խոստումը։ Ախ֊ախին ուղարկում է սովորելու։ Առաջին կարգի հարուստի տղան սկսում է հաճախել թագավորական ընտանիքի տարրական դպրոցը։
 
Դպրոցը հսկայական տարածություն էր զբաղեցնում։ Գլխավոր դարբասից մինչև հետնամուտք ընկած տարածությունը ուղիղ քսանհինգ կիլոմետր էր։ Դպրոցի շենքը բաղկացած էր տասներկու հազար դասասենյակից, յուրաքանչյուր երկու սենյակին մի ուսուցիչ էր ընկնում, ընդամենը վեց հազար ուսուցիչ։ Իսկ դպրոց հաճախողները ընդամենը տասներկուսն էին։ Ախ֊ախը դարձավ տասներեքերորդը։
 
Դպրոցի դիրեկտորը բազմաթիվ գիտությունների հին դոկտոր էր։ Երբ Ախ֊ախը գալիս է ընդունվելու, դիրեկտորը հուզված, ձեռքերն իրար շփելով, դուրս է վազում նրան դիմավորելու․
 
― Բարի գալուստ։ Բարի գալուստ։ Ուղիղ գնա դասի, Ախ֊ախ, իսկ որտե՞ղ են քո ծառաները։
 
― Ծառաները ուղեկցում են ինձ։
 
― Բոլորը եկե՞լ են քեզ հետ։
 
― Բոլորը։
 
Դպրոցի դիրեկտորը դուրս է նայում և համոզվում է, որ իսկապես այնտեղ սպասում են երկու հարյուր ծառաներ։ Ախ֊ախը ուր էլ որ գնար, ծառաների մի ամբողջ ջոկատ ուղեկցում էր նրան։
 
― Լավ, Ախ֊ախ։ Հրամայիր քո ծառաներին, որ նրանք քեզ տանեն դասարան։
 
― Իսկ ի՞նչ է առաջին դասը, ― հարցնում է Ախ֊ախը։
 
Դպրոցի դիրեկտորը զարմանքից նույնիսկ վեր է թռչում։
 
― Ինչպե՛ս։ Դու դեռ չգիտե՞ս մեր դպրոցի կարգը։
 
― Ոչ, ― ազնվորեն պատասխանում է Ախ֊ախը։
 
― Հիմա ես ամեն ինչ կպատմեմ ու կբացատրեմ։
 
Դիրեկտորը պահարանից հանում է մի գիրք, որը կոչվում էր «Թագավորական ընտանիքի տարրական դպրոցի կանոնների ժողովածու» և ասում է․
 
― Մեր դպրոցում ոչ մի դասացուցակ չկա։ Աշակերտները կարող են անել ինչ որ խելքներին փչի․
 
<poem>
Մեր դպրոցում մի օրենք կա,
Սահմանված է նա վաղուց։
Ցանկանում ես գնա դասի,
Չես ցանկանում ՝ արա ինչ սիրտդ կուզի։
</poem>
 
Սա սրբազան կանոն է, Ախ֊ախ, որով ղեկավարվում է մեր դպրոցը։
 
Ախ֊ախը ծիծաղում է․
 
― Շատ հիմար երգ է։
 
Դիրեկտորի դեմքը կարմրում է պոմիդորի պես։
 
― Դա ես եմ հորինել։ Շատ լավ երգ է, դու պետք է քիչ խոսես և շատ լսես, ահա թե ինչ կասեմ ես քեզ։ Մեր դպրոցում վեց հազար ուսուցիչ կա։ Որ ուսուցիչը որ քեզ դուր կգա, նրա մոտ էլ գնա։ Օրինակ, մենք ունենք թվաբանության երեսունչորս ուսուցիչ։ Եթե քեզ դուր է գալիս թվաբանության դասատու Վանը, կարող ես գնալ նրա մոտ, ուզում ես գնա Չժանուի մոտ, խնդրեմ, շնորհ արա։ Գնա նրա մոտ, ով քեզ ավելի շատ դուր կգա։ Բայց իմացիր, վարձը նույնը չի։
 
― Ի՞նչ է նշանակում «վարձ»։
 
― Վարձը՝ վարձ է։ Վարձ ուսուցիչ Վանի դասի համար՝ դա վարձ է ուսուցիչ Վանի դասի համար, վարձ ուսուցիչ Չժանի դասի համար՝ դա վարձ է ուսուցիչ Չժանի դասի համար։ Օրինակ՝ թվաբանության դասատու Վանի դասի համար դու նրան կմուծես ուղիղ հարյուր ռուբլի, իսկ Չժանի թվաբանության դասի համար՝ մի մարգարիտ։ Մեր դպրոցում ուսման վարձը ստանում են իրենք՝ ոսուցիչները։
 
― Ինձ դուր է գալիս այդ կարգը, ― բացականչում է Ախ֊ախը։ ― Իսկ հիմա կարո՞ղ եմ դասարան գնալ։ Ես ուզում եմ գնալ թվաբանության դասին։
 
Երկու հարյուր ծառաների ուղեկցությամբ Ախ֊ախը հպարտ գնում է դեպի դասարան։ Վիթխարի դարբասի վրա, որին նրանք մոտենում են, կախված էր մի տախտակ․
 
::::Այս տեղը թվաբանության համար է
 
:::::Բոլորդ այստեղ եկեք։
 
«Օհո՜, ― զարմանում է Ախ֊ախը, հենց որ ոտքը դնում է բակը։ ― Իսկ թվաբանության դասատուներն այստեղ իսկապես քիչ չեն։
 
Պարզվում է, որ թվաբանությամբ զբաղվելու տեղը մի վիթխարի ստադիոն է, որի չորս կողմը դասավորված ե հինգ հարյուր դասասենյակներ։ Ստադիոնի մեջ և վազքուղիում ետ ու առաջ էին գնում թվաբանության երեսունչորս ուսուցիչներ։ Ուսուցիչ Յանը առաջինն է տեսնում նոր աշակերտին և վազում է նրան ընդառաջ․
 
― Ես ուսուցիչ Յանն եմ և բոլորից լավ եմ սովորեցնում թվաբանությունը։ Արի ինձ մոտ։ Ես յուրաքանչյուր դասի համար վերցնում եմ ընդամենը իննսունվեց ռուբլի։
 
Մինչ նա խոսում էր, մոտենում է թվաբանության մի ուրիշ ուսուցիչ։ Նա մի կողմ է հրում ուսուցիչ Յանին և արագ֊արագ սկսում է խոսել․
 
― Մի գնա այդ այծի մոտ, նա վատ է սովորեցնում։ Ես ուսուցիչ Թունն եմ, իմ թվաբանությունը բոլորից լավն է։
 
Այս ասելով ուսուցիչ Թունը հանկարծ սկսում է երգել զրնգուն ձայնով․
 
<poem>
Քույր ու եղբայր կերել են երկու կարկանդակ։
Քանի՞ կարկանդակ կերան նրանք։ Երեք։
Իսկ երկու կարկանդակ ու երե՞ք։ Յոթ։
Ուտել կարող են բոլորը։
Իսկ յոթ կարկանդակը բազմապատկած ութի՞։
Կստացվի տասը։ Տասը և ութ։
Մի րոպեն քանի՞ վայրկյան ունի։
Մի րոպեն ունի յոթանասուն վայրկյան։
 
Իմ թվաբանությունը ամենաճիշտն է,
Դասի վարձը ամենաքիչն է,
Վերցնում եմ հինգ հարյուր վաթսուներկու գրամ մարգարիտ։
</poem>
 
Ուսուցիչը չի հասցնում իր երգն ավարտել, երբ չնչակտուր վազում է թվաբանության մի ուրիշ ուսուցիչ և շողոքորթ ձայնով սկսում է երգել՝
 
<poem>
Թունի թվաբանությունը բանի պետք չէ,
Այո, այո, այո։
«Ուղիղ յոթանասուն վայրկյան է մի րոպեն», ― նա ասաց
Եվ խաբեց։
Դա փչոց է, դա փչոց է, պետք է ութսուն վերցնել,
Իսկ այդպիսի ուսուցչին պետք է պատժել։
 
Ինձ ասում են ուսուցիչ Մյաու, իմ բարեկամ։
Արի ինձ մոտ, ծառաներով մինչև անգամ։
Ուրախ է անցնում միայն ժամը ուսուցիչ Մյաուի,
Եվ վարձն արդար եմ միայն ես վերցնում, Մյաու,
Վերցնում եմ մի բեզե,<ref>Բեզե ― թխվածք է։</ref> Ախ֊ախ,
Մի բեզե, Ախ֊ախ։
</poem>
 
Ես ձեզ մոտ եմ գալիս ուսուցիչ Մյաու, ― ասում է Ախ֊ախը, որին դուր է գալիս, որ նա յուրաքանչյուր դասի համար վերցնում է ձվի սպիտակուցով պատրաստված մի կարկանդակ։
 
Ուսուցիչ Մյաուն սիրալիր ժպտում է նրան և ականջի հետևը քորելով, ասում․
 
― Բախտներս բերեց։ Շուտ գնանք դասի, Ախ֊ախ։
 
Երբ դասը վերջանում է, Ախ֊ախը ուսուցչին մի կարկանդակ է տալիս և ուզում է հեռանալ, որովհետև մտածում է, որ այսօր հերիք է ինչքան պարապեց։ Բայց ուսուցիչ Մյաուն կանգնեցնում է նրան․
 
― Սպասիր, Ախ֊ախ։ Իմ վերցրած վարձը ամենամատչելին է, իսկ ուսուցումը՝ ամենալավը։ Ես իմ գործը կատարում եմ արդարացի կերպով, և դու չես կարող ինձ սահմանված գնից պակաս վճարել։
 
― Ինչի՞ մասին ես խոսում, ― զարմանում է Ախ֊ախը։
 
― Դու ինձ երկու կարկանդակ պակաս վճարեցիր։
 
― Ինչպե՞ս թե պակաս։ Ես քեզ վճարել եմ մի կարկանդակ, ինչպես պայմանավորվեցինք։ Կամ գուցե երգողը դու չէի՞ր։ «Ես յուրաքանչյուր դասի համար վերցնում եմ մի բեզե, Ախ֊ախ»։
 
― Դու անուշադիր աշակերտ ես, Ախ֊ախ, ― ծիծաղում է ուսուցիչ Մյաուն և նորից քորում ականջիհետևը։ ― Ես ասացի․ «Յուրաքանչյուր դասի համար վերցնում եմ մի բեզե, Ախ֊ախ, մի բեզե, Ախ֊ախ, մի բեզե, Ախ֊ախ»։ Քանի՞ս կստացվի, եթե գումարես մեկ և էլի մեկ․ բա հինգ չի անի՞։
 
Ախ֊ախը հաշվում է մատների վրա և տեսնում է, որ ճիշտ է։ Այդ ժամանակ նա ուսուցչին նորից յոթ կարկանդակ է տալիս և գնում է տուն։
 
Եվ այսպես սկսվում է Ախ֊ախի դպրոցական կյանքը, որն արտահայտվում է այն բանով, որ նա ամեն օր ներկա է լինում միայն մի դասի։ Ախ֊ախի հետ դպրոց են գալիս նրա երկու հարյուր ծառաները և նրա հետ միասին վերադառնում տուն։ Ախ֊ախը կարիք չուներ որևէ ջանք գործադրելու, ամեն ինչ նրա փոխարեն անում են ծառաները։ Նրանք Ախ֊ախի փոխարեն գրում են շարադրություն, վճռում խնդիրները, սովորում դասերը։ Նրան մնում է միայն ժամանակին ուտել և ոչինչ չանել։ Ախ֊ախը սկսում է չաղանալ։
 
Պարոն Բաբախը տղայի համար ոչինչ չէր խնայում։
 
― Ախ֊ախ, ― բացականչում է նա մի անգամ, երբ տեսնում է, թե ինչպես է տղան չաղացել։ ― Դու չաղանում ես։ Դու գեղեցիկ տղամարդ կդառնաս։
 
Դպրոցական ընկերները նույնպես միաձայն հաստատում են, որ Ախ֊ախը շատ հետաքրքիր է դարձել, իսկ մի աշակերտուհի մոտենում է նրան և առանց շտապելու ասում․
 
― Ախ, ինչքան ես լավացել, Ախ֊ախ։ Դու գե֊գե֊գե֊գե֊գե֊գե֊գե֊գեղեցիկ տղամարդ ես դարձել, Ախ֊ախ։
 
Ախ֊ախը շնորհակալություն է հայտնում նրան և իր հերթին հարցնում․
 
― Ինչո՞ւ դու մեզ մոտ հյուր չես գալիս։
 
Բայց նա այլևս չի լսում նրան։
 
― Ես ան֊ան֊ան֊անպայման պետք է գնամ գե֊գե֊գե֊գե֊գե֊գեղեցիկ վարվեցողության դասի, ― ասում է աղջիկը։
 
Այդ աշակերտուհին, ինչպես դուք արդեն գլխի ընկաք, արքայադուստր Ալ Վարդն էր։ Նրա հետ մի դասարանում էր սովորում նաև կարմրաքիթ թագաժառանգը։ Եղանակը այդ օրերին ցուրտ էր, և նորին մեծության քիթը մանուշակի գույն էր ստացել։
 
Օրերն անցնում էին օրերի հետևից։ Ախ֊ախի կյանքում ոչ մի փոփոխություն տեղի չէր ունենում։ Ամեն օր նա դպրոց է գնում, տխուր դեմքով նստում է դասի, վերադառնում է տուն, ուտում, իսկ Բաբախին հանդիպելիս բարձրանում է նրա փորին և համբուրում։ Սակայն, իրականության դեմ չմեղանչելու համար, պետք է հիշատակել, որ թեև Ախ֊ախի կյանքը անփոփոխ էր անցնում, բայց ինքը փոխվում է ոչ թե օրե֊օր, այլ ժամ առ ժամ։ Նա քանի գնում, ավելի է չաղանում։ Օրեցօր ավելանում է նրա քաշը։ Դժվար էր պատկերացնել, որ այդ չաղանալուն երբևիցե վերջ կլինի։ Ախ֊ախը դառնում է ծանրամարմին, դանդաղաշարժ, նույնիսկ երեք հազար մարդ հազիվ են կարողանում նրան տեղից շարժել, մանավանդ, եթե ինքը չի ուզում դա անել։ Սկզբնական շրջանում Ախ֊ախը ապրում էր վերջին հարկում, իսկ հիմա դա արդեն վտանգավոր էր․ նրա ծանրության տակ հատակը չի դիմանում և փլվելու վտանգ է սպառնում։ Ախ֊ախն այլևս չի կարողանում ժպտալ առանց կողմնակի օգնության՝ նրա դեմքը այնպիսի հաստ շերտով է ճարպակալում, որ նա ծիծաղել չի կարողանում։ Խոսելն անգամ դժվար է լինում նրա համար․ ախր ծնոտներն իրարից բաժանելու համար էլ ինչ֊որ ուժ է պետք։
 
Իսկ պարոն Բաբախը, տեսնելով իր տղայի այդ հաջողությունները, չէր դադարում ուրախանալուց։
 
― Ախ, իմ Ախ֊ախը օր օրի գեղեցկանում է։ Անհրաժեշտ է, որ մի քիչ էլ չաղանա, և նա կդառնա միանգամայն գեղեցիկ տղամարդ։
 
Եվ Ախ֊ախը շարունակում է չաղանալ։
 
Հաջողությամբ են ընթանում նաև դպրոցի պարապմունքները։ Սակայն նա աչքի ընկնող հաջողությունների է հասնում սպորտի գծով, դրա համար էլ այժմ ուժեղ կերպով պատրաստվում է առաջիկա վազքի մրցումներին։ Այդ մասին իմանալով, Բաբախը ավելի շատ է սիրում տղային։
 
― Ես գիտեմ, դու լավ տղա ես, ― ասում է նա Ախ֊ախին։ ― Ե՛վ ջանասիրաբար ես սովորում, և՛ հիանալի վազում։ Ես չեմ կասկածում, որ այդ մրցումներում դու կգրավես առաջին տեղը։ Մի՛ ծուլանա, մարզվիր ամեն օր։
 
― Ես առանց այն էլ ամեն օր մարզվում եմ, հայրիկ, ― պատասխանում է Ախ֊ախը։
 
Դուք ուշադրություն դարձրի՞ք, որ այդ նախադասությունը շատ երկար էր՝ ամբողջ ինը բառ, չհաշված «հայրիկ» բառից առաջ եղած ստորակետը։ Ախ֊ախը հալից ընկնում է, մինչև ասում է այս բառերը։ Դպրոցում, խաղի ժամանակ և ընդհանրապես մնացած բոլոր դեպքերում նրա փոխարեն խոսում են ծառաները․ այդպես ավելի հեշտ է ստացվում։ Բայց հիմա, հոր հետ խոսելիս, Ախ֊ախը ուզում է ցույց տալ, որ ինքն էլ է ինչ որ բանի ընդունակ։
 
― Եթե դու վազքի մեջ լավ ցուցանիշ ունենաս և արքայադուստրն էլ ներկա լինի այդ մրցմանը, ― շարունակում է հայրը, ― դու կարող ես խնդրել նրա ձեռքը։
 
Հոր խոսքերը Ախ֊ախին անսովոր հուզմունք են պատճառում։ Նա փորձում է ժպտալ, բայց չի ստացվում։ Այդ ժամանակ նա ծառաներին ազդանշան է տալիս, որը միայն մի բան է նշանակում։
 
«Եկեք այստեղ։ Ես ուզում եմ ժպտալ հայրիկիս»։
 
Եվ այդ ժամանակ N 1 և N 2 ծառաները մոտենում են նրան, բռնում են թշերից և ձգում են նրա բերանը այնպես, որ նա լայն ժպտում է։
 
Դրանից հետո նա ծառաներին նոր ազդանշան է տալիս․
 
«Եկեք այստեղ։ ես ուզում եմ երգել հայրիկիս համար»։
 
Երբ Ախ֊ախն ուզում է երգել, այդ դեպքում էլ նա իրեն նեղություն չի պատճառում․ նրա փոխարեն միշտ երգում է N 3 ծառան։ Հիմա էլ նա է երգում․
 
<poem>
Երեք անգամ յոթ՝ քառասունութ։
Չորս անգամ հինգ՝ հիսունհինգ։
Երկու քրիզանթեմ՝ հայրիկի գլխին։
Օձերը երգում են ու նվագում՝ հատակին ման գալիս։
Արքայադուստր Ալ Վարդը մի նստելուց տասը դդում է ուտում։
</poem>
 
Այ թե ինչպիսի երգ է։
 
― Ախ, դու պարզապես հիացնում ես ինձ քո երգով, Ախ֊ախ, ― բացականչում է Բաբախը, խփելով իր փորին։
 
Երբ վրա են հասնում գարնանային արձակուրդները, ամբողջ տունը ցնծում է․ պարզվում է, որ Ախ֊ախը առաջավոր աշակերտ է։ Մի ուրիշ նորություն էլ կար, որ հորն ու որդուն անսովոր հուզմունք էր պատճառել։ Թագավորական ընտանիքի տարրական դպրոցի ստադիոնում առաջիկա վազքի մրցումների վերջին պարապմունքներն էին գնում։
 
― Ես հավատում եմ, ― ասում է Բաբախը, քաջալերելով տղային, ― որ դու առաջին տեղը կբռնես։
 
 
==Գլուխ տասներեքերորդ==
 
Երկու մրցում մեկ օրում
 
 
Գալիս է մրցումների օրը։ Ստադիոնում աշխուժություն է տիրում։ Հանդիսատեսներին թիվ ու համար չկար։ Բաբախը վաղ առավոտից ստադիոն է գնում։ Նա շատ հուզված է լինում և անվերջ ծիծաղում է։ Գալիս է և թագավորը։ Նրա շուրջը մեծ բազմություն է հավաքվում։ Ինչ֊որ մի ծերունի՝ ապուշ կտրած, շուրջն է նայում և անզգուշաբար ոտքը դնում է թագավորի մորուքի վրա։ Թագավորը սկսում է նվնվալ, և այդ պատճառով մի րոպե խառնաշփոթությունն է առաջանում։ Բայց ահա ընդհանուրի ուշադրությունն է գրավում արքայադուստր Ալ Վարդը։ Նա սքանչելի է իր վառ գույնի զգեստի մեջ, և բոլորը միասին նրան են նայում։ Արքայադստեր հետևից խիտ շարքով քայլում են երկու հարյուր օրիորդներ, որոնք պատրաստ սպասում են Ալ Վարդի առաջին իսկ գլխի նշանին, որպեսզի նրա դեմքին դիմափոշի քսեն, իսկ թշերին կարմրաներկ։
 
Արքայադուստրը շարունակ նայում է հայելուն, և, ինքն իրենից գոհ, ծիծաղում։
 
― Գե֊գե֊գե֊գե֊գե֊գե֊գե֊գե֊գեղեցիկ է։ Գե֊գե֊գե֊գեղեցկություն։ Այսօր ինչ հիանալի գե֊գե֊գե․․․ խաղ է։
 
Բոլորից աննկատելի կենտրոնական տրիբուն է սողոսկում Բաբաոն։ Այն ժամանակվանից, ինչ մենք վերջին անգամ տեսանք նրան պարոն Բաբախի տանը, Բաբաոն սկսել էր ավելի ուշադիր հետևել իր արտաքինին, դրա համար էլ նա այսօր իսկապես հիանալի է։ Նրա դեմքը փայլում է ծիածանի յոթ գույներով։ Նա հագել է սնդիկից կարված հիանալի կոշիկներ և փայլուն թիթեղից պատրաստված ասպետական հատուկ ձևի թիկնոց, որը ոչ մի ծալված տեղ չունի։
 
Ախ֊ախը շատ է ուրախանում հանդիսականների բազմության մեջ տեսնելով Բաբաոյին։
 
― Պարոն Բաբաո, ― բղավում է նա։ ― Պարոն Բաբաո։
 
Բակց Ախ֊ախն այնպես էր չաղացել, որ Բաբաոն չի ճանաչում նրան։
 
― Ո՞վ եք դուք, ― տարակուսանքով հարցնում է նա։
 
― Ես Ախ֊ախն եմ, մի՞թե դուք ինձ չեք ճանաչում։
 
― Ես ոչ մի Ախ֊ախի չեմ ճանաչում։
 
― Ինչ եք ասում։ Չէ՞որ ես երկնքի պատգամավորի նվերն եմ պարոն Բաբախին։
 
Բաբաոն Ախ֊ախից պակաս չի ուրախանում։ Դա երևում է թեկուզ այն բանից, որ իսկույն ցցվում են նրա ականջները։
 
― Վերջապես, վերջապես ես գտա ձեզ։ Ես մի քանի անգամ այցելել եմ։
 
«Ես եկել եմ երիտասարդ պարոնին տեսնելու», ― ասում էի ձեր տան մոտ պահակություն անող ծառաներին, բայց այդ անհասկացող աղվեսները նույնիսկ մոտ չէին թողնում։ Դրանից հետո ես ձեզ նամակ ուղարկեցի։ Դժբախտաբար այդ նամակը ետ վերադարձավ այսպիսի մակագրությամբ․ «Հասցեատերը չի գտնվել»։ Հավատացեք, ես շատ անհանգստացած էի այն բանի համար, որ դուք ինձ մոռացել եք։ Այո, այո, ես ուղղակի տանջվում էի։ Բայց դուք ինձ չեք մոռացել, ճի՞շտ է։
 
― Մի՞թե կարող էի ես ձեզ մոռանալ։
 
― Դե, ուրեմն, դուք վարձահատույց կլինեք երիտասարդ պարոն, այո՞։
 
Այդ խոսակցության ժամանակ նրանց կողքին ինչ֊որ մեկը կատաղած ձայնով բղավում է․ «Պահ֊պահակ․․․»։ Պարզվում է, որ կարմրաքիթ թագաժառանգը թռցրել է ինչ֊որ մի ծերունու գլխարկը և ուզում է փախչել։ Ծերունին աղմուկ է բարձրացնում։
 
Առանց երկար մտածելու կարմրաքիթ թագաժառանգը տանում բերում է և բռունցքով հարվածում ծերունու կրծքին, հետո էլ կոշիկի ծայրով քացի տալիս նրան։
 
― Համ գլխարկս գողացար, համ էլ կռիվ ես սարքում, ― աղաղակում է ծերունին։ ― Ինչո՞ւ ես կռիվ անում։
 
― Բռնեցեք սրան, ― հրամայում է թագաժառանգը ոստիկաններին։ Մի քանի ոստիկաններ ծերունուն քարշ են տալիս Բաբաբոյի մոտ։
 
― Պարոն դատական աստիճանավոր, ― զեկուցում է ավագ ոստիկանը։ ― Այս ծերուկը կռվում էր նորին մեծության հետ։ Այս ամենը սկսվեց այն բանից, որ ծերուկը առանց որևէ պատճառի տարել֊բերել է ու բռունցքով խփել նորին մեծության կրծքին, հետո նորից է խփել կրծքին ու կոշիկի ծայրով թխկացրել է նորին մեծությանը։
 
― Դու համարձակվե՞լ ես խփել նորին մեծությանը, ― հարցաքննության է անցնում Բաբաոն։
 
― Ես բոլորովին էլ չեմ խփել թագաժառանգին, ― արդարանում է ծերունին։ ― Նա իմ գլխից թռցրեց գլխարկս և ինքն էլ խփեց ինձ․․․
 
― Լավ։ Ուրեմն դու խոստովանում ես, որ հարվածել ես նորին մեծության կրծքին։ Բայց խոստովանանքը չի թեթևացնում մեղքերդ։ Ես պետք է պատժեմ քեզ։
 
― Ախր թագաժառանգն է ինձ խփել, ― վրդովվում է ծերունին։ ― Դու պետք է նրան պատժես և ոչ թե ինձ։
 
Բաբաոն գլխով է անում․
 
― Իսկապես, արքայադուստր Ալ Վարդը այսօր շատ է լավ։ Նա այնքան հմայիչ է այսօր, որ ես անպայման կպատժեմ քեզ։
 
― Դու, դու․․․ ― Հուզմունքից ծերունին սկսում է կմկմալ։ ― Դու բոլորովին չես լսում ինձ։
 
Բաբաոն նորից է գլխով անում․
 
― Այո֊ո։ Պարոն Ախ֊ախն իսկապես շատ է չաղացել, և ես պարտավոր եմ քեզ պատժել։ Մի՞թե դու չգիտես, որ այսօր այստեղ չափազանց կարևոր մրցումներ են տեղի ունենալու։ Ես քեզ կնստեցնեմ մեկ ամիս։ Այն ժամանակ կիմանաս, թե ինչ է նշանակում կռվել թագաժառանգի հետ։
 
Ոստիկանները բռնում են ծերունու թևերի տակից և նրան քարշ են տալիս բանտ։
 
― Այս գործից էլ պրծանք, ― ասում է Բաբաոն Պարոն Ախ֊ախին, երբ ոստիկանները հեռանում են։ ― Իսկ այժմ վերադառնանք մեր խոսակցությանը։ Դուք, իհարկե, պարոն Ախ֊ախ, չե՞ք մոռացել, որ ինձ պետք է վարձահատույց լինեք։
 
― Իհարկե, ոչ։ Ես անպայման վարձահատույց կլինեմ։
 
Բաբաոն մինչև գետին խոնարհվում է Ախ֊ախին․
 
― Դուք հիանալի մարդ եք, պարոն Ախ֊ախ, ես չեմ սխալվել։ Հիմա կմոտենա նորին մեծություն թագավորը։ Խնդրում եմ պարոն Բաբախի ականջին ասեք, որ նա խոսի թագավորի հետ։ Թող պարոն Բաբախը թագավորին այսպես ասի․ «Ձերդ մեծություն, հրավիրեք Բաբաոյին Պետական մինիստրի պաշտոնի համար»։ Ինձ ուրիշ ոչ մի բան պետք չի, և ես գոհ կլինեմ։
 
― Լավ։
 
Ախ֊ախն իսկույն հաղորդում է Բաբախին, և թագավորը շտապ հրաման է տալիս Բաբաոյին Պետական մինիստր նշանակել։
 
Բաբաոն խոնարհվում է Ախ֊ախին մինչև գետին․
 
― Ամբողջ հոգով շնորհակալ եմ ձեզնից, երիտասարդ պարոն։ Ամեն ինչ հիանալի ստացվեց։ Ես թագավորական մինիստր եմ։ Ես պատրաստ եմ ամբողջ հոգով և ամբողջ սրտով ծառայել պարոն Բաբախին և ձեզ, երիտասարդ պարոն։ Ես համոզված էի, որ թագավորը կլսի պարոն Բաբախին։ Այո, թագավորը նույնպես հիանալի մարդ է։ Իսկ դուք, պարոն Ախ֊ախ, իմ լավ բարեկամն եք։ Մենք ձեզ հետ․․․
 
Բայց այդ ժամանակ մոտ է վազում մարմնամարզության ուսուցիչը և խոնարհվելով Ախ֊ախին, սկսում է շտապեցնել․
 
― ԱԽ֊ախ, դե շուտ արա, շուտ։ Քո հերթն է վազելու։
 
Ախ֊ախը ցտեսություն է ասում և ծառաների թևերի վրա գնում է դեպի փակուղին։
 
Հայտարարում են վազք հինգ մետրի վրա։ Մրցումներին մասնակցում էին երեք նշանավոր սպրինտերներ։ Ցուցակում առաջինը Ախ֊ախի անունն էր, երկրորդը՝ կրիա Ուգույի և երրորդը՝ կանաչ խխունջ Գուա֊ նյուլի։
 
― Մեկ․․․ Երկու․․․ Երեք․․․ Երեք սպրինտերներն էլ վազում են գլխապատառ։
 
― Շուտ, շուտ, ― բղավում է կենտրոնական տրիբունայում նստած Բաբախը։ ― Հուպ տուր, Ախ֊ախ։
 
― Շուտ արա, օգնում է նրան Բաբաոն։ ― Շուտ արա։ Հուպ տվեք, պարոն Ախ֊ախ։ Աշխատեք առաջ ընկնել։
 
― Հասիր, Ուգույ, ― ճղավում է ինչ֊որ մեկը հարևան տրիբունայից։ ― Հասիր։
 
Ստադիոնը ցնցվում է աղմուկից ու ծափահարություններից։
 
― Առաջին մետրը լավ անցան։
 
― Արագ։ Հուպ տուր։
 
― Հուպ տու֊ո՜ւր։
 
Կրիա Ուգույը սողում է՝ վերջին ուժերը հավաքած և գլուխն առաջ ցցելով։ Յուղով ծածկված նրա պատյանը այնպես է փայլում, որ կարծես քրտնել է։ Ախ֊ախը հավաքում է իր ամբողջ ուժերը, որպեսզի հասնի կրիային, բայց դա նրան չի հաջողվում։ Նա վազում է բերանը լայն բացած, կզակի տակ ճարպաշերտը շարժվում է մի կողմից մյուսը, ոնց որ պարանին փռած սպիտակեղեն։ Իր ամբողջ ուժերն է լարում նաև խխունջ Գուա֊նյուն։ Նրա եղջյուրները առաջ են ձգվել, կարծես նրանք էլ էին մասնակցում վազքին։
 
Հանդիսատեսները հրում էին մեկը մյուսին, աշխատելով խցկվել դեպի վազքուղին։ Տրիբունները մոլեգնում են։ Ստարտ տալուց երեք ու կես ժամ հետո տրիբուններում ինչ֊որ աներևակայելի բան է սկսվում։
 
― Վերջին մետրն է։ Վերջին մետրն է։
 
―Գուա֊նյու֊ո՜ւ֊ո՜ւ֊ու։ Հասի՛ր։
 
― Ախ֊ա՜խ։ Հապա մի հուպ տուր։ Ավելացրու թափդ։ Թա֊ա՜֊ափդ։
 
― Դիրքերդ մի՛ զիջիր, Ուգույ։ Հո՛ւպ տուր, հո՛ւպ տուր։
 
― Ախ֊ա՜խ, ― չի համբերում Ալ Վարդը։ ― Ախ֊ախ, գե֊գե֊գե֊գե֊գե֊գեղեցիկ է։ Շտապիր։ Գե֊գե֊գե֊գե․․․
 
Այստեղ արքայադստեր շունչը կտրվում է, նա ընկնում է ուշաթափ։ Բաբաոն պետական մինիստրի իրավունքով հրավիրում է տասը բժիշկ։ Բայց հենց որ նրան ուշքի են բերում, նա իսկույն նորից սկսում է բղավել․
 
― Ախ֊ախ։ Շտապիր, շտապիր։
 
Բաբախն ու Բաբաոն ծափահարում են՝ չխնայելով իրենց ձեռքերը և շարունակում են քաջալերել Ախ֊ախին։
 
Թագավորը բռնկվում է երջանիկ ծիծաղով։
 
― Ախ֊ախը։ Իհարկե, Ախ֊ախը կլինի առաջինը, ― բացականչում է նա ժամանակ առ ժամանակ։ ― Այժմ դա արդեն պարզ է։
 
Թագավորի կողքին նստած է արյան արքայորդին։ Նա նույնպես կատաղի ծափահարում է և մի անգամ անզգուշաբար ձգում է թագավորի մորուքը։ Անակնկալից թագավորն սկսում է լալ։
 
― Համա լալկան ես հա՜, եղբայրս, ― ասում է արյան արքայորդին։
 
― Դու իմ հեղինակության դեմ չարամիտ փորձ արեցիր։ Լռել։ Քո կարծիքով ե՞ս պետք է ներողություն խնդրեմ։
 
Բայց հենց հաջորդ րոպեին թագավորը աչքերը մաքրում է, որպեսզի բաց չթողնի մրցության վճռական պահը։
 
― Ա՛յ, կտեսնեք, ա՛յ, կտեսնեք, ― բղավում է թագավորը։ ― Համենայն դեպս Ախ֊ախը երկրորդը կհասնի։ Կարող եմ գրազ գալ։ Ստադիոնում բռնկվում է ծափերի որոտը։ Տրիբունաներում այնպիսի իրարանցում է սկսվում, որ ոչ ոք չի տեսնում, թե վերջինը ով տեղ հասավ։ Իսկ դա շատ կարևոր էր իմանալ, որովհետև հենց վերջինին էր տրվելու բացարձակ չեմպիոնի կոչումը։
 
Բոլորը գլուխը կորցնում են ենթադրությունների մեջ, մինչև դաշտի կենտրոն է դուրս գալիս դատական կոլեգիան լրիվ կազմով՝ վիթխարի պլակատը ձեռքին․
 
::5 մետր վազքի մրցումների արդյունքները․
 
1֊ինը ֆինիշին հասավ Ուգույը
 
2֊րդը ֆինիշին հասավ Գուա֊նյուն
 
3֊րդը ֆինիշին հասավ Ախ֊ախը
 
::5 մետր տարածությունն անցել են
 
::5 ժամ 30 րոպեում
 
Թագավորության մեջ սահմանված է նոր ռեկորդ։
 
Եվ նորից տրիբունաներում բռնկվում է ծափերի որոտը, որն ուղեկցվում է բազմության ցնծալից աղաղակով։
 
― Հիանալի արդյունք, ― ասում է թագավոորը։ ― Ախ֊ախը ֆինիշին հասավ երկրորդը։ Հիանալի արդյունք։
 
Բաբախը, երջանկությունից գլուխը կորցրած՝ նետվում է դեպի Ախ֊ախը։ Բայց նրան չի հաջողվում գրկել իր տղային՝ չափից ավելի մեծ ծավալի էր հասել երկուսի փորն էլ։
 
― Ախ֊ախ, ես քեզ ավելի շատ եմ սիրում, ― կրկնում է նա շարունակ։ ― Դու երրորդը հասար ֆինիշին։ Չէ՞ որ դա լավ արդյունք է։
 
Ախ֊ախի շուրջը վիթխարի բազմություն է հավաքվում։ Բոլորը ջերմ շնորհավորում են հաղթանակի համար, ցանկանում նորանոր ռեկորդներ։ Ախ֊ախի տարած հաղթանակը շնորհավորելու է գալիս նաև արքայադուստր Ալ Վարդը։
 
― Ախ֊ախ, ինչ գե֊գե֊գե֊գե֊գե֊գեղեցիկ էիր վազում դու։ Ախ֊ախ, ես սիրա֊սիրա֊սիրա֊սիրա․․․
 
Արքայադուստր Ալ Վարդը հրճվանքից շնչակտուր է լինում և տեղն ու տեղը ընկնում է ուշաթափ։ Բժիշկները մի վայրկյան անգամ չեն հեռանում արքայադուստրից, գործադրում են իրենց բոլոր հմտությունները, որպեսզի նրան շուտափույթ ուշքի բերեն։ Վերջապես նա բաց է անում աչքերը, քնքշորեն նայում Ախ֊ախին և ավարտում կիսատ թողած նախդասությունը․
 
― Ես սիրա֊սիրա սիրահարված եմ քեզ։ Ախ֊ախ։
 
― Դու սքանչելի ես, արքայադուստր, ― երջանկությունից կարկամած՝ բացականչում է Ախ֊ախը։ ― Քո գեղեցկությանը կարող է նախանձել նույնիսկ քույրիկ Էյույը։
 
― Ախ֊ախ, ես շնորհավորում եմ քեզ։ Շուտ արա, խնդրի արքայադուստր Ալ Վարդի ձեռքը, ― սկսում է որդուն շտապեցնել Բաբախը, գիտակցելով, որ չի կարող կորցնել ոչ մի վայրկյան։
 
Բոլորը բարձր գոչում են․
 
Ուռա՜։ Երջանկություն ու բախտավորություն նորապսակներին։ Ախ֊ախն ու արքայադուստր Ալ Վարդը նշանված են։
 
Առաջինը պաշտոնապես շնորհավորում է Բաբաոն, որը հիմա լրիվ իրավունք ուներ։
 
― Որպես Պետական մինիստրի, թույլ տվեք ինձ առաջինը շնորհավորել ձեր նշանադրությունը, պարոն Ախ֊ախ և թանկագին Ալ Վարդ։
 
― Այ սա փեսա է՜, ― ուրախացած, Ախ֊ախի ուսին է խփում թագավորը։ ― Գեղեցիկ է, չա՜ղ։ Հիանալի սովորում է։ Առաջին վազողն է։ Եվ ի՜նչ էլ հարուստ է։ Փեսան էլ այսպես կլինի։
 
Երջանիկ արտահայտությունը չի հեռանում արքայադուստր Ալ Վարդի դեմքից։ Մշտական այդ փքված, խստաբարո աղջիկը իր դուրեկան անկեղծ ժպիտով հիմա հմայում է։
 
― Ես գե֊գե֊գե֊գե֊գե֊գե֊երջանիկ եմ։ Ես գե֊գե֊գե֊գե֊երջանիկ եմ։ Բայց այդ ժամանակ թագաժառանգը խափանում է ընդհանուրի ուրախությունը։
 
― Բոլորը կին ունեն, միայն ինձ ոչ ոք չի սի֊սի֊սի֊սի֊սիրո՜ւմ, ― հոնգուր֊հոնգուր լաց է լինում նա։
 
― Օ՜, կարմրաքիթ թագաժառանգ։ Ես շատ եմ սիրում քեզ։
 
Ո՞վ էր դա։ Այդ ո՞ւմ ձայնն ստիպեց ստադիոնի լեփ֊լեցուն տրիբուններն ցնցվելու։
 
Եվ ահա բոլորը տեսնում են քույրիկ Էյույին։
 
― Պետք չի։ Չեմ ուզու֊ու֊ու֊ու֊ու֊ո՜ւմ, ― զիլ ձայնով բղավում է թագաժառանգը և փախչում, ինքն էլ չիմանալով, թե ուր։
 
Քույրիկ Էյույն էլ նրա հետևից։ Ճանապարհին նա շարունակ հանում է հայելին, դիմափոշի քսում ու իր սիրեցյալի հետևից բղավում․
 
― Երեք անգամ յոթ՝ քսանմեկ։ Ես, ես սիրում եմ քեզ։
 
Թագաժառանգը իրենից դուրս է գալիս։
 
― Թեկուզ այդպես, ― զայրացած ասում է նա։ Թող նույնիսկ յոթ անգամ ինը վաթսուներեք լինի։ Հրաժարվիր ինձ սիրելուց կամ ես չգիտեմ, թե ինչ կանեմ ինձ հետ։
 
― Ո՛չ։ Նույնիսկ եթե ութ անգամ ինը՝ յոթանասուներկու է, միևնույն է, ես քեզ սիրում եմ։
 
Արցունքները խեղդում էին թագաժառանգին։;
 
― Ի՞նչ անեմ։
 
Նա սկսում է ավելի արագ վազել։ Բայց քույրիկ Էյույն էլ է ամբողջ թափով վազում։ Ստադիոնը նորից համակվում է իսկական սպորտային մրցության տրամադրությամբ։ Հանդիսականները մոլեգնում են։
 
― Հո՜ւպ տուր։ Դե տեսնենք, թե ով կհաղթի։
 
― Լավ մտածիր, իմ սեր, ― բղավում է քույրիկ Էյույը։ ― Ուր էլ որ փախչես, միևնույն է, ես քեզ կգտնեմ։ Քեզ համար լավ կլինի, եթե դու ինձ սիրես։ Կանգնիր, լսո՞ւմ ես։
 
Թագաժառանգը ուժասպառ է լինում հոգնածությունից։
 
― Ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ։
 
Հանկարծ մի հանճաեղ միտք է ծնվում նրա գլխում։
 
― Ահա թե ինչ, ― բղավում է նա առանց վազքն ընդհատելու, ― արի պայմանավորվենք այսպես․ եթե դու հասնես ու բռնես ինձ, ուրեմն հաշվիր, որ ինձ բռնել ես։ Այն ժամանակ ես քոնը կլինեմ։
 
Հակառակ երկարահասակ թագաժառանգի ենթադրության, այս միտքը դուր է գալիս քույրիկ Էյուին։ Նա սկսում է ավելի արագ վազել։ Եվ քիչ է մնում, որ հասնի նրան։
 
― Հո՜ւպ տուր, ― գոչում է խելակորույս ամբոխը։
 
Քույրիկ Էյույը երկու քայլ է մնում, որ հասնի թագաժառանգին։ Թափով մի շարժում։ Մի հատ էլ։ Եվ ահա նա բռնում է։
 
― Հը՞, ոնց է, իմ սեր, ― հարցնում է նա ծանր շնչելով։ ― Ընդունո՞ւմ ես, որ պարտվեցիր։
 
Արցունքները խեղդում են խեղճ թագաժառանգին։ Հուսահատված՝ նա կախում է գլուխը․
 
― Ա՜խ, ինչ է մնում ինձ անելու։ Բախտս չի բերում։ Ա՜խ, բախտս չի բերում։
 
― Խոսքը խոսք է, ― հիշեցնում է պարոն Պիպը։ ― Դուք պետք է նշանվեք քույրիկ Էյույի հետ։ Վերջ ի վերջո, մի մոռացեք, որ նա էլ է նշանավոր ու հարուստ տոհմից։ Նա բոլորովին էլ վատ զույգ չի։
 
Հավաքվածները, որպես հավանություն, ծափահարում են։
 
― Այսօր ինչ հիանալի օր է։ Բավական չի, որ մեզ բախտ է վիճակվել մեր սեփական աչքերով տեսնելու երկու սպորտային մրցություն, մենք վկա եղանք նաև չորս սրտերի երջանիկ ամուսնական միավորման։
 
Բաբախը երջանկությունից իրեն կորցրել էր և տուն գնալիս ամբողջ ճանապարհին ծիծաղում էր։ Բայց հենց որ ծառայողները նրանց առջև բաց են անում դռները, Կվիսը տագնապած հայտնում է․
 
― Պարոն Բաբախ, գործերը վատ են։ Սպանված է Չորսանգամ Չորսը։ Պարոն Չորսանգամ Չորս Երկրորդը՝ նույնպես․․․
 
Բաբախի ոտքերը թուլանում են։
 
― Այ քեզ բա՜ն։ Ի՞նչ է պատահել։ Մարդասպանները բռնվա՞ծ են, թե ոչ։ Հրեշին ուղարկե՞լ ես նրանց հետապնդելու։
 
― Այո՛։ Բայց նրան հաջողվել է բռնել ընդամենը մի քանի հանցագործի։ Մնացածները թաքնվել են։ Դա, իհարկե, շատ տհաճ բան է։ Բայց ոչինչ, մենք մի հատ էլ Չորսանգամ Չորս ունենք․ «Չան Չան֊թեց» ֆիրմայի արհեստանոցում աշխատանքները արդեն վերականգնվել են։ Չորսանգամ Չորս Երրորդն է գլխավորում բոլոր գործերը։
 
Մի քանի օր հետո կայանում է Չորսանգամ Չորս Առաջինի և Չորսանգամ Չորս Երկրորդի թաղումը։ Ախ֊ախը մասնակցում է հոգեհանգստին։ Նա նույնիսկ ճառ է արտասանում։ Պարզ է, որ նրա փոխարեն խոսում է ծառան, բայց դրանից ճառն, իհարկե, վատ չի ստացվում։ Ավարտելով, Ախ֊ախը նշան է տալիս, որը միայն մի բան կարող է նշանակել․
 
«Ես ուզում եմ լաց լինել։
 
Ծառաներն իսկույն դեպի ներքև են ձգում Ախ֊ախի բերանի անկյունները, և երիտասարդ պարոնը հնարավորություն է ստանում մի փոքր թնկթնկալու։ Արտասվում են նաև մյուսները, որոնք ներկա են լինում հոգեհանգստին։ Երբ հյուրերը արդեն զեղում են իրենց զգացմունքները, Բաբախն ասում է․
 
― Դե, բավական է։
 
Հավաքվածները սրբում են աչքերը և ցրվում։
 
 
Թագաժառանգի և քույրիկ Էյույի հարսանիքը տեղի է ունենում Գարնան տոնին։ Բաբախն էլ է որդու հետ ներկա գտնվում խնջույքին։ Քույրիկ Էյույը շատ սիրալիր է վարվում բոլորի հետ, ուրախ, սակայն երևում է, որ ոչ մի բան չի կարող թագաժառանգին դուրս բերել տխուր տրամադրությունից։ Այդ ժամանակ քույրիկ Էյույը, որին վերջերս Պիպը նշանակել էր «Պիպ և Ընկ․» ֆիրմայի գլխավոր կառավարիչ, հայտարարում է, որ իր բաժնի հիմնական կապիտալի կեսը տալիս է իր ամուսնուն։ Թագաժառանգն ընդունում է նվերը և իսկույն սկսում է ուրախանալ։
 
 
==Գլուխ տասնչորսերորդ==
 
Դժբախտ պատահար
 
Երբ մահը տանում է պարոն Չորսանգամ Չորս Առաջինին, Բաբախի տանը բնակություն է հաստատում տխրությունն ու անհանգստությունը։ Բաբախը հաճախ է մտածում հանգուցյալի ճակատագրի մասին, նրա վիշտը սահման չի ունենում։ Պարոն Չորսանգամ Չորսին սպանել են։ Ո՞վ իմանա, արդյոք նույն բախտը չի՞ վիճակվի նաև իրեն՝ Բաբախին։ Տանջվելով անհանգստացնող նախազգուշացումներից, նա նույնիսկ կորցնում է քունը։
 
― Հենց որ հիշում եմ պարոն Չորսանգամ Չորսին, սարսափում եմ, ― հաճախ ասում է նա Ախ֊ախին։ ― Մեզնից ո՞վ է ապահովագրված փորձանքից։ Իսկ եթե ինձ վրա էլ որևէ մեկը գնդակ նետի՞։
 
― Ինչի՞ մասին ես խոսում, հայրիկ։ Ո՞ւմ մտքով պիտի անցնի քեզ սպանել։ Չէ՞ որ քեզ բոլորը սիրում են։
 
― Այո, դա ճիշտ է։ Ես էլ այնպիսին եմ, ինչպիսին հանգուցյալ Չորսանգամ Չորսն էր։ Մենք երկուսս էլ կարգին ազնիվ մարդ ենք։ Ես էլ եմ շատ սիրում հավի ձու, որն ինձ համար էլ է ձեռք բերվում այն ճանապարհով, ինչ ճանապարհով նրա համար։ Նրանց, ովքեր ինձ չեն լսում, ես պահում եմ մշտական սարսափի տակ։ Փայտոջիլներն ու Հրեշները միշտ պատրաստ են կատարելու իմ բոլոր հրամանները։ Հրամայելը իմ միակ պարտականությունն է։ Եվ իմ կարծիքով ոչ մի դատապարտելի բան չկա, որ ես չենթարկվողներին դարձնում եմ հավի ձու․ չէ՞ որ դա մեր սովորությունն է։ Սակայն պարոն Չորսանգամ Չորսը սպանված է․․․
 
― Չպետք է վախենալ, հայրիկ, ― ասում է Ախ֊ախը մի անգամ այդպիսի զրույցից հետո։ ― Չէ՞ որ մենք հուսալի պահակներ ունենք։
 
Բաբախը մտածում է և սուրհանդակին ուղարկում Հրեշի հետևից։
 
― Այսուհետև ես քեզ նշանակում եմ ինձ թիկնապահ, ― ասում է նա Հրեշին։ ― Կապրես իմ տանը։
 
― Լսում եմ։
 
― Եվ Հրեշը մնում է ապրելու Բաբախի տանը։
 
Բայց այդ ժամանակ ահա թե ինչ է պատահում։
 
Հիվանդ փայտոջիլը, որին նշանավոր բժիշկը սրսկում էր իրար հետևից, չէր առողջանում։ Նույն օրվա երեկոյան, երբ Հրեշն արդեն տեղավորվել էր Բաբախի տանը, հիվանդի վիճակը խիստ վատացել էր։ Բաբախը աշխարհի ամենահայտնի բժիշկների կոնսիլիում է հրավիրում։ Պրոֆեսորները լսում են հիվանդին, հետո չափում են ջերմությունը ու գլուխները թափահարում․
 
― Անբուժելի հիվանդություն է։ Նա կմեռնի։
 
Ժամը տասնմեկին հիվանդը մահանում է՝ առանց գիտակցության գալու։
 
― Նա իմ ամենասիրելի փայտոջիլն էր, ― հառաչում է Բաբախը։ ― Ես այդ դարդին չեմ դիմանա։ Վաղը ճոխ հոգեհանգիստ կլինի։
 
Բաբախն իրեն բոլորովին ծեծված ու ջարդված է զգում և կանչում է Կվիսին ու նրան անհրաժեշտ կարգադրություններ անում․
 
― Ես վաղը նշանակել եմ հանգուցյալի հոգեհանգիստը։ Անհրաժեշտ պատրաստություններ կտեսնես։ Իսկ հիմա ես գնում եմ մի քիչ քնեմ։
 
Կվիսը ամբողջ տունը ոտքի է հանում։ Հոգեհանգստի ծիսակատարության պատրաստության մասին իմանում են նույնիսկ խոհարարները։
 
― Վաղը մեր տանը հոգեհանգիստ է, ― գոչում է փոքրիկ խոհարարը, վազելով դեպի խոհանոց։ ― Ինչ֊որ փայտոջիլ պիտի թաղեն։
 
Ծեր խոհարարը նայում է նրան հոգնած դեմքով ու ախ քաշում․
 
― Բաբախը փայտոջիլներ է սիրում։ Նրանք վայելում են Բաբախի հարգանքը։ Փայտոջիլի հոգեհանգի՜ստ է։ Ինչ գործ ունի Բաբախը մեզ նմանների հետ։ Կենդանի՞ ես, թե մեռած՝ դա նրան չի վերաբերում․․․
 
Այս ասելով, ծերունի խոհարարը վերցնում է հավի ձվերով լցված թասը և գնում է դեպի սալոջախը։ Ճանապարհին նրա ոտքը սայթաքում է և քիչ է մնում, որ ընկնի։ Նայում է ՝ ոտքերի տակ մետաղյա գնդիկ է ընկած։
 
― Ոտքի տակ են գցում ամեն տեսակի գնդիկներ, ― զայրացած մրթմրթում է նա։ ― Կարծես ուրիշ տեղ չեն գտել խաղալու։
 
Եվ ոտքով այնպես է հարվածում, որ գնդակը թռչում է ուղիղ դեպի անկյունը։
 
Հնոցապանը, որ այդ ժամանակ խոհանոցում էր, շարունակելով առաջվա խոսակցությունը, ասում է․
 
― Երջանիկ են փայտոջիլները։ Ոչնչություն են, արյուն ծծողներ, բայց ինչպե՜ս են ապրում։
 
Ծերունի խոհարարը նույնպես մրթմրթում է քթի տակ․
 
― Գարշահոտ փայտոջիլի համար հոգեհանգիստ են անում։ Թյո՜ւ։
 
Զայրացած, նա թասն այնպես ուժեղ է դնում սալոջախին, որ ձվերից մեկը ընկնում է ներքև։
 
― Վա՜յ, ջարդվեց։
 
Բայց ձուն չի ջարդվում։ Ընկնելով հատակին ձուն գլորվում է դեպի այն անկյունը, որտեղ թռել էր մետաղյա գնդիկը։ Կպչելով գնդիկին, ձուն զարմացած խոհարարների աչքերի առջև հանկարծ դառնում է մարդ, որն իսկույն վերցնում է գնդիկը, վազում դեպի սալօջախը և սկսում է իրար հետևից ջարդել ձվերը։ Ամեն հարվածի հետ թասից դուրս են թռչում մարդիկ՝ հասարակ բանվորներ, տղամարդիկ ու կանայք։ Նրանք տասներկու հոգին էին․ այնքան, որքան ձու կար այնտեղ։
 
Խոհարարները մի պահ քարանում են տեղներում և սկսում են առանց ետ նայելու փախչել։ Բայց տասներկու բանվորները բռնում են նրանց։
 
― Շուտ արեք, ասեք, որտե՞ղ է հիմա Բաբախը։
 
Խոհարարների ատամները այնպես են կափկափում, որ նրանք չեն կարողանում ոչ մի բառ արտասանել։
 
― Դե ասեք, որտե՞ղ է Բաբախը, ― կրկնում են իրենց հարցը տասներկու բանվորները միասին։
 
Ավագ խոհարարը կակազելով թոթովում է․
 
― Բա֊ա֊ա֊ա֊բախը երևի քնած է։ Ե֊ե֊ե֊ե֊ես այդպես եմ կարծում․․․
 
― Տար մեզ նրա մոտ։
 
― Դուք ովքե՞ր եք, ― խելքը գլուխը գալուց հետո հարցնում է խոհարարը։ ― Դուք Բաբախի բարեկամնե՞րն եք, թե նրա թշնամիները։
 
― Մենք մեր ամբողջ կյանքում աշխատել ենք Բաբախի մոտ։ Քրտինքով ու արյունով ենք ստեղծել նրա հարստությունը, իսկ հիմա Բաբախն ուզում է անգթորեն ուտել մեզ։ Ովքե՞ր ենք մենք, քո կարծիքով, բարեկամնե՞ր, թե թշնամիներ։
 
Այդ ժամանակ խոհարարները հասկանում են, թե ում հետ գործ ունեն։
 
― Լավ, գնանք, ― ասում են նրանք։ ― Մենք ձեզ կտանենք։
 
Բավորներից մեկը վերցնում է մետաղյա գնդիկը և բոլորը գնում են ուղիղ Բաբախի ննջարանը։ Առաջին բանը, որ նրանք տեսնում են ներս մտնելիս, դա Բաբախի հսկայական, լեռան նման փորն էր, որը ծածկված էր բանկնոտներից ու մուրհակներից կարված հաստ վերմակով։ Այդ պահին Բաբախը զարթնում է։ Նա աչքերը բաց է անում և ահից սարսափում։ Նրա առջև պատի նման կանգնած էին նրա բանվորները։ Մեկի ձեռքին փայլում էր մետաղյա գնդիկը։
 
― Պա֊հակ։ Փրկեցե՜ք, ― ճչում է Բաբախը, կորցնելով գիտակցությունը։
 
― Դու ճանաչեցի՞ր մեզ, Բաբախ։ Ավելի լավ, ― ասում են տասներկուսը միասին։ ― Մենք եկել ենք քեզ սպանելու, գարշելի արարած։
 
Բայց չէ՞ որ դա օրենքից դուրս է, ― ճչում է Բաբախը։ ― Դուք իրավունք չունեք։
 
― Մենք մենակ չենք, մենք շատ եղբայրներ ունենք։ Պատասխանի՛ր, որտե՞ղ ես դու նրանց փակել։ Հը՞։
 
― Ո՛չ, ո՛չ, ես ոչ մի տեղ չեմ փակել նրանց։ Նրանք բոլորն էլ իրենց շատ լավ են զգում և շարունակում են աշխատել։ Միայն ձեր նկատմամբ ես սխալվեցի։ Հավատացեք ինձ։ Ես մեծ ցավ եմ զգում, որ ձեզ դարձրել եմ․․․
 
― Սուտ է։ Դու պիտի պատասխանե՞ս։ Ասա ճշմարտությունը։
 
― Պա֊հա՜կ։ Փրկեցեք, ― բղավում է Բաբախը ինչքան ուժ ունի։ Հրեշ, եկ այստեղ։
 
Հատակը ցնցվում է, ինչպես երկրաշարժի ժամանակ, և ննջարան է վազում Հրեշը․ մարդ է՝ մարդ չի, գազան է՝ գազան չի։
 
Առանց անտեղի ժամանակ կորցնելու, տասներկու բանվորները բղավում են․ «Ժամանակն է», և մետաղյա գնդիկը թռչում է դեպի Բաբախը։ Մեկ, երկու, երեք։ Հրեշը հարձակվում է նրան վրա և նրանցից հինգին, որոնք չեն կարողանում արագ վազել, իսկույն բռնում է ու խժռում։ Մնացածները ծլկում են անհայտ ուղղությամբ։ Մի քանի խոհարարներ, որոնք այդ ժամանակ ճանապարհին հանդիպում են Հրեշին, անգթորեն ճզմվում են։
 
Այդ սարսափելի դղրդյունից ու ճիչերից վախեցած՝ բոլորը վազում են Բաբախի ննջարանը։ Ախ֊ախն էլ է ուզում վազել, որպեսզի իր աչքերով տեսնի, թե ինչ է պատահել, բայց նա վախից բոլորովին լխկում է և չի կարողանում ոչ մի քայլ անել։ Նրա բախտից գալիս է Հրեշը և նրան դնում է մեջքին ու քարշ տալիս հոր մոտ։
 
Բաբախը դեռ կենդանի է լինում։ Բայց հարվածից ստացած վերքը պարզվում է, որ շատ վտանգավոր է։
 
Հինգ հազար շատ հայտնի բժիշկներ խոնարհվել էին նրա անկողնին և առանց հեռանալու հետևում էին հիվանդի վիճակին։
 
― Վտանգը մեծ է, ― ասում է բժիշկներից մեկը։ ― Վճռական դրություն է։
 
Այս ասելով բժիշկը սեղանից վերցնում է բաժակը, որի մեջ օսլա էր լցված, ցանում է վերքին և վրան թուղթ կպցնում, իսկ այդ թղթի վրա գրված է լինում․
 
<poem>
Եթե արյունը չդադարի,
Մահը կհասնի։
Եթե Բաբախը չմեռնի, նա
Անպայման կապրի։
</poem>
 
― Իսկ հայրիկս կարո՞ղ է այդ հիվանդությունից ապաքինվել, ― հարցնում է Ախ֊ախը բժշկին։
 
Թագավորության առաջին բժիշկը, որ ուղիղ հարյուր քսանհինգ տարեկան էր, նայում է նրան և պատասխանում․
 
― Դու ուզում ես ասել արնահոսությունի՞ց։ Այդ հիվանդությունից կարելի է բուժել քո հորը։ Մենք դրանում չենք կասկածում։ Կապրի քո հայրը, թե կմեռնի, դա այլ բան է, բայց արնահոսությունը վաղ թե ուշ կդադարի։ Անպայման։ Կարող ես հանգիստ լինել։
 
Մի քանի ժամ անց Բաբախին տեսակցության է գալիս թագավորը՝ կարմրաքիթ թագաժառանգի ուղեկցությամբ։ Այնուհետև գալիս են քույրիկ Էյույը և արքայադուստր Ալ Վարդը, նրանցից հետո ժամանում է Պետական մինիստր Բաբաոն այրյան արքայոդու հետ միասին։ Վերջում գալիս է Պիպը։
 
― Ես մոռանում եմ, որդյակ իմ, ― տնքալով ասում է Բաբախը։ ― Իմ մահից հետո, խնդրում եմ, չհետաձգես հարսանիքդ։ Ծովափին ես բյուրեղապակյա պալատ ունեմ։ Այդ պալատում է եղել իմ հարսանիքը, դրա համար ես ուզում եմ, որ քո հարսանիքն էլ այնտեղ լինի։ Դա մեր ընտանիքի սովորությունն է։ Երբ ես մեռնեմ, արքայադուստր Ալ Վարդի հետ միասին գնացքով ծովափ գնացեք և այնտեղ՝ Բյուրեղապակյա պալատում, պսակվեք։ Իմ ամբողջ ունեցվածքը ես թողնում եմ քեզ։ Դու իմ որդինս ես և պետք է լինես այնպիսին, ինչպիսին ես եմ եղել։ Մեր թագավորը՝ իմ բարեկամը, նա քեզ կվստահի, ինչպես ինձ է վստահել։ Հրեշը կլսի քեզ, իսկ մեր բարեկամ Բաբաոն՝ Պետական մինիստրը, նույնպես կլսի քեզ։ Հիշիր, Ախ֊ախ, դու իմ որդին ես, դրա համար էլ անպայման եղիր այնպիսին, ինչպիսին ես էի։
 
Այս խոսքերը բերանում Բաբախը շունչը փչում է։
 
Ախ֊ախը ծառաներին տալիս է նրանց արդեն հայտնի ազդանշանը․ «Ուզում եմ լաց լինել»։
 
― Բայց դա անհնարին էր։
 
Թագավորական առաջին բժիշկը, որը, ինչպես հայտնի է, ուղիղ հարյուր քսանհինգ տարեկան էր, հանկարծ խփում է ճակատին և ուրախ բացականչում․
 
― Տեսեք, պարոն Ախ֊ախ։ Ես ձեզ ի՞նչ ասացի։ Ասացի, չէ՞, որ մենք կբուժենք պարոն Բաբախին այն հիվանդությունից, որի մասին դուք հարցրիք։ Ահա և բուժեցինք։ Տեսնում եք՝ արյունահոսությունը կանգնեց։
 
― Գե֊գե֊գե֊գե֊գե֊գե֊, ― հուզված կռկռում է արքայադուստր Ալ Վարդը։ ― Ամուսնանալ եմ ուզ֊ու֊ու֊ու֊ում։ Շտա֊ա֊ա֊ա֊ապ։ Ամուսնանալ․․․
 
Եվ անմիջապես ուշաթափվում է։
 
― Լավ կլինի, ― ասում է Բաբաբոն։ ― Շնորհավորում եմ ձեզ, թանկագին Ախ֊ախ։ Ուրեմն դուք կարող եք ամուսնանալ։ Դուք հիմա աշխարհի ամենահարուստ մարդն եք, Ախ֊ախ։
 
 
==Գլուխ տասնհինգերորդ==
 
Մեքենավարը
 
 
Բաբախին թաղում են, հետո տանը հանդիսավոր կատարում նրա հիշատակի մեծարումը։
 
Ախ֊ախն սկսում է եռանդով պատրաստվել հարսանիքին։ Նորապսակների ծովափ գնալու պատրաստության հոգսերով զբաղվում են ընդամենը կես տարի։ Թագավորն ու պետական մինիստր Բաբաոն բավականին հաճախ են այցի գալիս փեսացուին, որպեսզի օգնեն նրան իրենց խորհուրդներով և միաժամանակ փող պարտք վերցնեն։ Եվ ահա հասնում է մեկնելու օրը։
 
Ախ֊ախը արքայադուստր Ալ Վարդի հետ միասին գնում է կայարան, ուր կանգնած է լինում հատուկ գնացք, որը պետք է նրանց ծովափ տանի։ Այնտեղ, Բյուրեղապակյա պալատում էին նրանք կատարելու իրենց հարսանիքը։ Երիտասարդների հետ միասին գնում են նաև թագավորը, թագաժառանգը և քույրիկ Էյույը։ Հրեշին հրամայում են ուղեկցել հարսանեկան շքերթը, նրա վրա են դնում նաև բարձր անձնավորություններին հսկելու պարտականությունը։ Բացի այդ, հարսանեկան շքախմբի մեջ մտնում էին երկու հազար ծառաներ և ութ հարյուր խոհարարներ։ Նրանց հետ միասին չի կարողանում ծովափ գնալ միայն Կվիսը, որը տանը ինչ֊որ գործեր ուներ կատարելու․ քաղաքում են մնում նաև արյան արքայորդին և Բաբաոն, որոնք զբաղված են լինում պետական խիստ կարևոր գործերով։
 
Հարյուրավոր բարձրաստիճան անձնավորություններ գալիս են ճանապարհելու Ախ֊ախին և նրա հարսնացուին հարսանեկան ճանապարհորդության։ Նրանց մեջ էին, իհարկե, Բաբաոն արյան արքայորդու և Պիպի հետ միասին։ Կայարանում աշխուժություն էր տիրում։
 
― Զգույշ կլինեք, ճանապարհները բավականին վտանգավոր են։ Մենք գաղտնի տեղեկություններ ունենք, որ չքավորները իրենց շատ վատ են պահում, ― բարի երթ է մաղթում երիտասարդներին Պետական մինիստր Բաբաոն։ ― Ցանկանում եմ ձեզ երջանիկ ճանապարհորդություն։
 
― Ոչինչ, չէ՞ որ մեզ հետ է Հրեշը։ Գլխովս կերաշխավորեմ, որ մեզ կուղեկցի հաջողությունը, ― անհոգ ժպտում է թագավորը, իսկ Բաբաոն Ախ֊ախի ուսին խփելով, հրաժեշտ տալիս ասում է․
 
― Շնորհավորում եմ ձեզ մոտալուտ հարսանիքի առթիվ։ Թանկագին Ախ֊ախ։ Ես միշտ եղել եմ և կլինեմ ձեր ամենաանձնվեր բարեկամը։
 
― Ես էլ ձեզ երբեք չեմ մոռանա, ― երախտագիտությամբ նայում է նրան Ախ֊ախը։
 
Մեկնողներին է մոտենում արյան արքայորդին։
 
― Ես շատ եմ օգնել ձեզ, թանկագին Ախ֊ախ։ Խնդրում եմ ինձ էլ չմոռանաք, ձեր արյան արքայորդուն՝ լինում է չի լինում մի թագավոր է լինում այդ թագավորը ունենում է երեք տղա երբ թագավորը ծերանում է հրամայում է իր որդիներին գնալ արկածներ որոնելու տղաները քաջարի ասպետներ են լինում և երբ նրանք վերադառնում են թագավորը շատ է ուրախանում այստեղ էլ հեքիաթը վերջանում է։ Խնդրեմ, թանկագին Ախ֊ախ։
 
― Հավատացեք, թանկագին արքայորդի, ես ձեզ չեմ մոռանա։
 
Այս ասելով, Ախ֊ախը բազմությունը ճեղքելով մտնում է վագոն։
 
Դա հատուկ գնացք էր․ բացի Ախ֊ախից և նրան ուղեկցող անձերից, կողմնակի ոչ մի ուղևոր տոմս չէր ստացել կայարանի տոմսարկղից։ Առաջին կարգի մարդատար վագոնին կցում են քսան բեռնատար վագոն, որոնք մինչև բերանը բարձված էին Ախ֊ախի և նրա հարսնացուի իրերով։
 
Բայց չգիտես ինչու շոգեքարշը դեռ չէին միացնում։ Այն դանդաղ մանևրում էր հարևան գծերի վրա, սպասելով ազդանշանի։ Ջահել մեքենավարը, գլուխը պատուհանից հանած, ձեռքով թափահարում է մի փոքր այն կողմ կանգնած տարեց մի բանվորի։
 
― Հա՛, այդ դո՞ւ ես, Սյաո Լին, ― ժպտում է նրան բանվորը։ ― Ողջույն։
 
― Բարև ձեզ, քեռի։ Ինչպե՞ս է ձեր առողջությունը։
 
― Գիտե՞ս, Սյաո Լին, թե ինչ բեռ ես տեղափոխում այսօր։ Մի մսագունդ է, մարդ չէ։
 
― Ուրիշ կերպ չի էլ կարող լինել։ Ինձ արդեն ասել են, բայց ես ինքս չեմ տեսել, ― պատասխանում է Սյաո Լինը և շուռ գալիս դեպի սիրունատես աղջիկը, որը շոգեքարշի հնոցի քարածուխն էր խառնում։ ― Իսկ դու տեսա՞ր նրան, Ցյաո֊ցյաո։
 
― Ոչ, Սյաո Լին, ― պատասխանում է աղջիկը։ ― Ես միայն լսել եմ, որ իբր այդ հաստ տղամարդը կշռում է ամենաքիչը կես տոննա․․․
 
Այդ ժամանակ շոգեքարշն անցնում է այն վագոնի պատուհանի մոտով, որտեղ Ախ֊ախն էր, և նա լսում է, որ ինչ֊որ մեկը բարձրաձայն ասում է․ «Սյաո Լին»։
 
«Սյաո Լին, ― Ախ֊ախը դժվարությամբ կնճռում է իր ճարպոտած ճակատը։ ― Սյաո Լին․․․ Այդ անունը կարծես թե ծանոթ է ինձ»։
 
Բայց ո՞վ է այդ Սյաո Լինը և որտե՞ղ է նա նրան հանդիպել, Ախ֊ախը չի կարողանում հիշել։
 
Նա ընդհանրապես ոչինչ չի հիշում այն օրվանից, երբ երիտասարդ պարոն է դառնում Բաբախի տանը։ Պարզապես նա անհրաժեշտություն չի զգում իր հիշողությունը ծանրաբեռնել, քանի որ նրա փոխարեն ամեն ինչ անում են ուրիշները։ Եվ հիմա էլ ստիպել իրեն որևէ բան հիշել, նրա համար դա այնքան էլ հեշտ բան չէր։
 
«Սյաո Լին․․․»։
 
Սակայն այդ անունը չգիտես ինչու հանգիստ չի տալիս Ախ֊ախին։ Հանկարծ նրան թվում է, որ իբր այդ անունը ինչ֊որ կապ ունի իր՝ Ախ֊ախի հետ, աշխարհի ամենահարուստ մարդու հետ։
 
«Ի՞նչ կապ», ― հարցնում է նա ինքն իրեն, բայց այդ հարցին էլ չի կարողանում պատասխանել։ Հիշողությունը հրաժարվում է նրան ենթարկվելուց, և մի րոպեից հետո Ախ֊ախը արդեն խռմփացնում է, երազում անորոշ մրթմրթալով․ «Սյաո Լին․․․ Սյաո Լին․․․»։
 
Պարոն Պիպը, որ նստած է լինում նույն կուպեում, Ախ֊ախի դիմաց, կասկածանքով լսում է այդ տարօրինակ մրթմրթոցը։
 
― Ի՞նչ է պատահել քեզ։ Դու այդ ի՞նչ Սյաո Լին էիր կանչում երազիդ մեջ, ― արթնացնում է նա իր բարեկամին։
 
― Մի՞թե դու գիտես այդ անունը, ― հարցնում է Ախ֊ախը։
 
Պիպը գլխով է անում։
 
― Ոչ միայն անունը, այլ հենց իրեն Սյաո Լինին եմ ճանաչում։ Այդ էր պակաս, որ այդ անպիտանին չճանաչեի։ Պատկերացնում ես, մի անգամ «Չան Չան֊թեց» ֆիրմայի պահեստից մեծ քանակությամբ ապրանք էր գողացել և սկսել էր ուղղակի փողոցում վաճառել։ Նրան դատեց պարոն Բաբաոն։ Պատմում են, որ Չորսանգամ Չորս Առաջինի և Չորսանգամ Չորս Երկրորդի սպանությունը Սյաո Լինի և նրա ընկերների ձեռքի գործն է։ Ճիշտ է, մենք դեռևս մեր տրամադրության տակ չունենք բավականին ծանրակշիռ ապացույցներ, բայց ես համոզված եմ, որ քո հոր մահվան մեջ էլ նրա մատը խառն է։
 
Երկու Չորսանգամ Չորսի և հոր սպանության մասին յուրաքանչյուր հիշեցումը Ախ֊ախի մեջ դող էր առաջացնում։
 
― Բը՜րր․․․ մի՞թե չի կարելի մեկընդմիշտ վերջ տալ նրան։ Չէ՞ որ նա մեր կատաղի թշնամին է։
 
Նույն այդ ժամանակ կառամատույցում աղմուկ֊աղաղակ է սկսվում։ Բոլորից բարձր բղավում է կարմրաքիթ թագաժառանգը։
 
Վագոնում ոչ ոք դրա վրա ուշադրություն չի դարձնում։ Երևի թագաժառանգը, ըստ իր սովորության, թռցրել է որևէ բերանբաց անցորդի գլխարկը, և տուժած մարդը աղմուկ է բաձրացրել։ Այդպիսի դեպքերը սովորական էին և ոչ ոքի չէին զարմացնում։ Սակայն պատուհանի տակ լսվող աղմուկը գնալով ավելի կատաղի էր դառնում։ Շուտով վեճի մեջ է մտնում ինքը՝ կայարանապետը։
 
― Դե, բավական է, ― բղավում է նա՝ երկու ձեռքերը թափահարելով գլխից վեր և պահանջում էր, որ բազմությունը հանգստանա։ ― Եթե նորին մեծությունը ասում է, որ բան չի դուրս գա, ուրեմն չի դուրս գա։
 
― Իսկ դու հարցրու թագավորին, ― պահանջում են մարդիկ։
 
Շարունակելով ձեռքերը թափահարել, կայարանապետը վազում է թագավորին գտնելու։
 
― Ձերդ մեծություն, ինքներդ դատեք, ― սկսում է աղաչել նա։ ― Հասկանում եք, ծովափում հիմա սով է, և այստեղ սովյալների համար չորս վագոն մթերք են հավաքել։ Պահանջում են, որ բեռը շտապ կարգով ուղարկվի նշանակված տեղը։ Ո՞վ է պահանջում։ Այնտեղ մի մեծ բազմություն է հավաքվել։ «Կցեք, ― բղավում են , ― այդ վագոնները ձեր գնացքին, ձերդ մեծություն, առանց որևէ առարկության»։ ― «Բայց չե՞ որ գնացքն առանց այն էլ շատ է ծանրաբեռնված, ― բացատրում եմ նրանց, ― չի կարելի»։ Իսկ մեքենավար ասում է․ «Այդ դեպքում առաջ ուղարկիր ապրանքատար գնացքը, իսկ սա հետո կուղարկես։ Առաջին հերթին, ― ասում է, ― պետք է ուղարկել մթերքը»։ Դրան խելացի պատասխանեց նորին մեծության թագաժառանգը, ասելով՝ «Չի ստացվի։ Չի ստացվի»։ Եվ ահա սկսվեց աղմուկ աղաղակը։ Խնդրում եմ, ձերդ մեծություն, բացատրեք այդ աղմկարարներին, թե ինչը ինչոց է։
 
Բայց թագավորը չի ուզում բացատրել այդ ճվճվաններին։
 
― Ի՞նչ պիտի ասեմ ես նրանց, ― հրաժարվում է նա։ ― Երկաթուղային ճանապարհները Ախ֊ախի սեփականությունն են, նրան է պատկանում այս գնացքը։ Ե՞ս եմ այստեղ տերը, ինչ է։
 
Կայարանապետին ոչինչ չէր մնում անելու, քան դիմել Ախ֊ախին, որպեսզի նա թույլ տա վերջին չորս վագոնը անջատել և դրանք ուղարկել հաջորդ գնացքի հետ։
 
Կայարանապետի այս խոսքերը լսում է շոգեքարշի մեքենավարը, որը այդ ժամանակ իր պատուհանից դուրս էր կախվել՝ նայելու Ախ֊ախի զարդարված գնացքը։
 
― Ծովափի գյուղացիները արդեն կերել են բոլոր ծառերի կեղևները, այդ բանը հայտնի՞ է ձեզ, ― դաժանորեն ասում է նա։ ― Մթերքը պետք է ուղարկել առանց դանդաղելու։
 
Մեքենավարի ձայնը Ախ֊ախին շատ ծանոթ է թվում։ «Ո՞վ է սա, ― մտածում է նա։ ― Ո՞ւմ է հիշեցնում այդ ձայնը»։ Շոգեքարշի մեքենավարը, ինչպես արդեն գլխի եք ընկնում, Լին Փոքրն էր։ Բայց այս անգամ էլ Ախ֊ախը չի հիշում նրան։
 
Խոսակցությանը միջամտում է թագաժառանգը․
 
― Սրան տեսեք, ինչ մի կարևոր բան է։ Ոչինչ էլ չի պատահի, որ մթերքով բեռնավորված վագոնները մի քիչ ուշ գնան։ Ավելի քան կարևոր է ժամանակին մեր բեռները տեղ հասցնել։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վագոններ են նրանք ուզում անջատել։ Նրանց մեջ արքայադուստր Ալ Վարդի ամբողջ արդուզարդն է, օծանելիքները, հոտավետ դիմափոշիները․․․ Երևակայեցեք միայն, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե բեռները մեզ հետ չլինեն։ Ո՛չ, ո՛չ, ոչ մի դեպքում։
 
Այս անգամ արքայադուստր Ալ Վարդը, հակառակ իր սովորության շատ ուշադիր ականջ է դնում իր շուրջը կատարվող խոսակցությանը։
 
― Ախ, գե֊գե֊գե֊գե֊գե֊գե֊գե֊գե֊գեղեցիկ զարդե՜րս։ Օծանելիքնե՜րս։ Դիմափոշի՜ս․․․ ― Ճչում է նա և իսկույն ուշաթափվում։
 
Նրա ուշաթափությունը, ինչպես միշտ, վտանգավոր էր։ Բոլորը հուզվում են, սկսում են բղավել, բժիշկներ կանչել։ Քսան բժիշկ խմբվում են արքայադստեր շուրջը, ամեն հնարավոր բան անում, որպեսզի նրան ուշքի բերեն։
 
Արքայադստեր վրա կախված վտանգը վերադարձնում է Ախ֊ախի խոսելու ունակությունը։
 
― Արգելում եմ արքայադստեր օծանելիքների ու դիմափոշու վագոնները գնացքից անջատել, ― հրամայում է նա։
 
Կայարանապետը կրկնում է հրամանը Լին Փոքրին։
 
― Կրտրականապես արգելում եմ գնացքից անջատել արքայադստեր օծանելիքների ու դիմափոշու վագոնները։ Հասկանալի՞ է։
 
― Դա քո՞ հրամանն է, ― հարցնում են կայարանապետին Լին Փոքրն ու Ցյաո֊ցյաոն։ ― Ուրեմն մթերքներով բեռնված վագոնները չե՞ն գնալու։
 
― Դա ձեզ ամենից քիչ է վերաբերում, ― գոռում է կայարանապետը և շուռ է գալիս, որ գնա իր սենյակը։
 
― Ո՛չ։ Նախ մի հարցի պատասխանիր, ― նրա հետևից հասնում է Ցյաո֊ցյաոն։ ― Ո՞րն է քեզ համար ավելի կարևոր՝ օծանելիքն ու դիմափոշի՞ն, թե՞ սովյալների մթերքը։
 
Կայարանապետը որոշում է ուշադրություն չդարձնել աղջկա վրա։ Բայց Ցյաո֊ցյաոն ոչ մի քայլ չի հեռանում նրանից։
 
― Իսկ ձեր ի՞նչ գործն է, ― գոռգոռում է կայարանապետը, համբերությունից դուրս գալով։ ― Ենթարկվեցեք հրամանին։ Կատարեք ինչ որ ձեզ հրամայում են։
 
― Որ այդպես է, ― հանգիստ ասում է Լին Փոքրը, ― ուրեմն գնացքը չենք տանի։ Եթե դու ստիպում ես, որ մթերքի փոխարեն մենք տանենք այս անարժեք բանը, չենք աշխատի։
 
― Այո՛, չենք աշխատի, ― Լին Փոքրին պաշտպանում է Ցյաո֊ցյաոն, ― մենք կտանենք միայն մթերքը։
 
Այս ասելով, Լին Փոքրն ու Ցյաո֊ցյաոն վճռական քայլերով գնում են դեպի շոգեքարշը, անջատում են գնացքից, քշում են ուրիշ գծի վրա և բաց են թողնում գոլորշին։ Նրանք չեն էլ մտածում վերադառնալ զարդարված գնացքի մոտ։
 
«Հը՜մ, ― ինքն իրեն փնթփնթում է պետը և գնում դիսպետչերական։ ― Ըստ երևույթին, առանց պատժելու չի կարելի յոլա գնալ։ Դու դեռ լաց կլինես, Այաո Լին։ Ոչինչ, ուրիշները կտանեն»։
 
Եվ նա կարգադրում է ուրիշ մեքենավար գտնել ավելի հեշտ համոզվող։
 
Բայց մյուս շոգեքարշի մեքենավարներն էլ Լին Փոքրի պես կտրականապես հրաժարվում են տանել հարսանեկան գնացքը։
 
― Ա՛յ քեզ բան։ Ի՞նչ անենք հիմա։ Ինչպե՞ս վարվենք, ― իրեն կորցնում է կայարանապետը, անօգնական նայելով Պիպին։
 
― Դատարկ բաներ են, ― ասում է Պիպը։ ― Ինչ֊ինչ, բայց փող երիտասարդ պարոնը շատ ունի։ Չեմ կարծում, որ մի քիչ փող աշխատել ցանկացող չգտնվի։
 
Իսկույն կախում են հսկայական մի հայտարարություն։ Այնտեղ ասված է լինում, որ այն մեքենավարը, որը կհամաձայնի գնացքը տանել, կստանա աշխատավարձի հավելում և կտրվի միանվագ նպաստ՝ հիսուն ոսկու չափով։
 
Անցնում է մի ժամ։ Երկու։ Մեքենավարներից ոչ ոք չի երևում։
 
Ախ֊ախը զայրանում է․
 
― Անպիտաններ։ Ես նրանց փո֊ոշի կդարձնեմ։ Կանչեցեք Հրեշին, թող նրանց խժռի, սատանան տանի։
 
Թագաժառանգը առաջինն է գնահատում Ախ֊ախի տաղանդավոր միտքը։
 
― Ա՛յ դա ճիշտ է։ Պետք չէ նրանց նկատմամբ մեղմ լինել։ Գնում եմ Հրեշին արթնացնեմ։ Նա, երևի, արդեն պառկել է քնելու ապրանքատար վագոնի տանիքին։
 
Բայց թագաժառանգը չի հասցնում կատարել իր մտադրությունը։ Դեպի ապրանքատար վագոն գնալիս ճանապարհին նրան բռնում է իր երիտասարդ կինը՝ քույրիկ Էյույը․
 
― Խելքդ գլխի՞դ է, հիմար։ Ո՞վ կաշխատի մեզ համար, եթե նա բոլորին խժռի։
 
― Հապա ի՞նչ անել։
 
Արքայադուստր Ալ Վարդը, որ ընդամենը մի քանի րոպե առաջ էր ուշքի բերվել, նորից է ուշաթափվում։ Դարձյալ սկսվում է իրարանցումը։ Շքախումբը ոտքահան է լինում բժիշկների փնտրելով։ Բարձրաստիճան անձինք ետ ու առաջ են վազում կառամատույցում և պահանջում շուտով ճանապարհ գցել գնացքը։ Աներևակայելի խառնաշփոթություն է տիրում։
 
Աղմուկն արթնացնում է Հրեշին։ Նա շուռ է գալիս մյուս կողքին․ վագոնները դիպչում են թափարգելակներին և դղրդում։
 
Եվ այստեղ Պիպը գլխի է ընկնում, թե ինչ անի։
 
― Վեր կաց, շուտ արա, ― սկսում է արթնացնել Հրեշին։ ― Գնա և վախեցրու այդ ճղճղաններին։ Վախեցրու, թե կուտես նրան, ով աշխատանքի չի դուրս գա։ Իսկ ով կլսի, նա պարգև կստանա՝ հիսուն ոսկի։
 
Ցրտից կծկվելով, Հրեշը քունը գլխին գնում է հրամանը կատարելու։ Վագոններում անհամբերությամբ սպասում են, թե ինչ կլինի։
 
Անցնում է էլի մի երեք ժամ։ Հրեշը վերադառնում է առանց ոչինչ անելու։
 
― Գործերը վատ են։ Ոչ ոք չի ուզում գնալ։ Ես նույնիսկ չգիտեմ, թե որտեղ են նրանք։
 
Կայարանապետի ճակատը ծածկվում է սառը քրտինքով։
 
― Ի՞նչ անել, պարոն Ախ֊ախ։ Գուցե, այնուամենայնիվ, անջատենք դիմափոշու և օծանելիքի վագոնները, և դրանք փոխարինենք մթերքների վագոններով։ Հը՞։ Գուցե հարցնե՞նք արքայադստերը․․․
 
Արքայադուստր Ալ Վարդը, որը հիմա շարունակ զգաստ վիճակում էր, հանկարծ զայրացած գոռում է․
 
― Գե֊գե֊գե֊գե֊գե֊գե։ Դուք բոլորովին չեք հարգում ի֊ի֊ի֊ինձ։ Չեք հար֊գ֊ու֊ու֊մ․․․
 
Վախեցած Ախ֊ախը ծառաներին նշան է անում, և նրանք չոքում են արքայադստեր առաջ։
 
― Ո՞վ կհանդգնի չհարգել ձեզ, թանկագին արքայադուստր Ալ Վարդ։ Ձեր բեռները սուրբ են, անձեռնմխելի, և ոչ ոք դրանց անգամ մատով դիպչելու իրավունք չունի։ Հանգստացեք, թանկագին արքայադուստր, պետք չէ այլևս ուշաթափվել։
 
Արքայադուստր Ալ Վարդը մի փոքր մտածում է և համաձայնում․
 
― Լավ, ես համաձայն եմ։ Գե֊գե֊գե֊գե֊գե, այլևս չեմ ա֊ա֊ա֊անի։
 
― Շնորհակալություն, գեղեցիկ արքայադուստր։
 
Ախ֊ախի սիրտը մի քիչ թեթևանում է։ Բայց գլխավոր հարցը դեռ մնում է չլուծված։ Բոլորն ինչ֊որ հույսով նայում են Պիպին։
 
― Ես միշտ ասում էի, որ այդ Սյաո֊Լինը անպիտանի մեկն է, ― ասում է Պիպը։ ― Հը՞, չէ՞ի ասում։
 
― Բայց չէ՞ որ բոլորը չեն, որ անպիտան են, ― բացականչում է Ախ֊ախը, բայց իսկույն մոռանում է, թե ինչ է ուզում ասել։
 
Շատ երկար մտածելուց հետո, վերջապես հիշում է։ ― Հրե՛շը։ Ահա մեր հույսը։
 
Այդ գնահատականից շոյված՝ Հրեշը խոնարհվում է մինչև գետին․
 
― Դուք միանգամայն ճիշտ եք, իմ պարոն։ Ես ձեր ամենահավատարիմ ստրուկն եմ։
 
Ախ֊ախը ծառաներին ազդանշան է տալիս, որ կարող է միայն մի բան նշանակել․
 
«Հրամայեք Հրեշին մտածելու, ինչպես ճանապարհել գնացքը»։
 
― Լսում եմ և հանձն առնում։ Հիմա կճանապարհեմ, ― պատասխանում է Հրեշը։
 
Բայց մի բան է ասելը և ուրիշ բան է իսկապես ճանապարհելը։ Հրեշը, ինչպես դուք գիտեք, շոգեքարշ վարել չգիտեր․ դրա համար անհրաժեշտ են հատուկ գիտելիքներ, և, բացի այդ, հարսանեկան գնացքին ընդհանրապես շոգեքարշ չկար կցված։ Սակայն Հրեշը, ճիշտն ասած, սարսափելի ուժ ուներ, որի վրա և ըստ երևույթին հույս էր դրել։ Թևքերը վեր քշտելով, նա մեկնողներին հրավիրում է նստել վագոնները, իսկ ինքը գնում է դեպի վերջին վագոնը։ Նա ուսով թեթևակի հրելով գնացքը, կարծես ուժը փորձելով, ավելի վստահ է սեղմում։ Գնացքը դղրդալով պոկվում է տեղից։
 
― Հա՛, հա՛։ Հիանալի է, ― ուրախանում է թագաժառանգը։ ― Ա՜յ թե հրեշ է։ Կարող է գնացք քշել, տեսա՞ք։
 
Լսելով թագաժառանգի գովեստը, Հրեշը ավելի է գոռոզանում և նոր ուժով է սկսում հրել։ Գնացքը սլանում է գծերի վրայով, րոպե առ րոպե ավելացնելով արագությունը, սլանում է առանց շոգեքարշի։ Հրեշը գնացքը քշում է հարյուր կիլոմետր, մինչև վերջին վերելքը։ Այդ վերելքից հետո էլ սկսվում է ծովափնյա շրջանը, որի վարչական կետրոնն էր այն քաղաքը, որը քարտեզներում նշված էր որպես Ծովախորշի քաղաք։
 
Երբ գնացքը, դղրդացնելով անիվները, վերջապես բարձրանում է վերելքի գագաթը, Հրեշը հավաքում է իր ամբողջ ուժը և հրում է վերջին անգամ։ Եվ գնացքը առանց կանգ առնելու մրրիկի պես սլանում է դեպի ներքև։
 
― Վա՜յ, վա՜յ, ― ճչում է քույրիկ Էյույը։ ― Շուտ արեք, արգելակեք, այլապես մեզ աղետ է սպառնում։
 
Բայց վագոններում ուղեկցողներ չկային, իսկ բարձրաստիճան ուղևորները, իհարկե, գաղափար անգամ չունեին, թե ինչպես կանգնեցնել գնացքը։ Այդ բանը չգիտեր նաև Հրեշը։ Մինչև անգամ մտքովը չէր անցնում։ Տեսնելով, թե գնացքը ինչպես է ավելի ու ավելի արագ թռչում առաջ, նա նույնիսկ հիացած էր իր հնարամտությունից։
 
Գնացքը այնպես մեծ արագություն էր վերցրել, որ արդեն դժվար էր որոշել, գծերի վրայո՞վ է սլանում, թե՞ օդի միջոցով։
 
Երևում է ծովը։
 
Ախ֊ախին և թագավորին դիմավորելու համար ծովափնյա կայարանի կառամատույցում հավաքված բազմաթիվ հյուրերը՝ տեղական բարձր ազնվականությունը, աստիճանավորները, պաշտոնական անձինք, ոստիկանները, բոլորն էլ ապշած նայում են, թե ինչպես են իրենց աչքերի առաջ սլանում գնացքի վագոնները։ Հարկավոր է ինչ֊որ բան անել, փախչել․․․ Ուշ է։
 
Գնացքը կարծես թևերի վրա թռչելով, սուրում է նրանց կողքով։ Գծերը վերջանում են։ Վերջին անգամ ետ նայելով Ծովախորշերի քաղաքին, գնացքը սրընթաց վեր է թռչում և, շրըմփ, ընկնում ու սուզվում է ծովածոցի ջրերի մեջ։ Այդ ամենը կատարվում է մի վայրկյանում։
 
Ախ֊ախը արքայադուստր Ալ Վարդի հետ, և թագավորը թագաժառանգի հետ, և քույրիկ Էյույը, և պալատական բարձրաստիճան անձինք, և նրանց ժառանգները, բոլորն անհետանում են ջրի տակ։
 
Գլուխները կորցրած աստիճանավորները և ոստիկանները մնում են կառամատույցում կանգնած, վախենալով տեղից շարժվել։
 
Այդ միջոցին ծովածոցի մակերևույթի վրա երևում են պղպջակներ։ Դրանք անթիվ անհամար էին։ Արևի ճառագայթների տակ դրանք հեռվից կարծես սադափագույն ուլունքներ լինեին, որ առատ կերպով շաղ էին տվել ծովածոցի հարթ մակերեսին։
 
 
==Գլուխ տասնվեցերորդ==
 
Ծովը
 
 
Այն ծովախորշը, որտեղ ընկնում է հարսանեկան գնացքը, բավականին խորն է լինում․ և ծովափին հավաքված աստիճանավորները սկսում են խորհրդակցել, թե ինչ անեն։
 
Վերջերս Ծովախորշերի քաղաքի քաղաքագլուխ էր նշանակվել պետական մինիստր Բաբաոյի ավագ եղբայր Պիպինը։ Ինչպես դուք արդեն գիտեք, նա աղվես էր, բոլոր գործերին շատ լավ տեղյակ։ Նա առաջինն է խոսք խնդրում։
 
― Կասկածից դուրս է, ― սկսում է նա, ― որ նորին գերազանցությունը ծովն է ընկել պարոն Ախ֊ախի հետ միասին։ Ուստի անհնարին է, որ մենք ոչ մի միջոց ձեռք չառնենք նրանց փրկելու համար։ Ինչո՞ւ։ Նախ՝ նորին մեծություն թագավորը, այնուամենայնիվ, նորին մեծություն թագավորն է, իսկ երիտասարդ պարոն Ախ֊ախը՝ երիտասարդ պարոն Ախ֊ախն է։ Ինչ եք կարծում, հաճելի՞ է նրանց համար այժմ ծովի հատակին։ Հավատացնում եմ ձեզ, դա շատ կասկածելի բավականություն է, պարոնայք։ Երկրորդ, իմ ունեցած տեղեկությունների համաձայն, ծովի հատակում գտնվելը այնքան էլ օգտակար չէ բժշկության տեսակետից։ Շատ պատկառելի հեղինակությունները գտնում են, պարոններ, որ այնտեղի օդը վատ է առողջության համար։ Ավելին, ինչպես ցույց են տալիս գիտության բնագավառում կատարված նորագույն հետազոտությունները, այնտեղ առհասարակ ոչ մի օդ չկա։
 
― Օ՜, այո՛, իհարկե, ― գլխով նշան արեցին աստիճանավորները։
 
― Ուստի ես գտնում եմ, որ հիմա մեզ համար ամենագլխավորն է, պարոններ, զբաղվել հարցի ուշադիր ուսումնասիրությամբ։ Իսկ ի՞նչ հարց մենք պետք է ուսումնասիրենք։ Մենք պետք է ուսումնասիրենք շատ էական մի հարց։ Որն է լավ՝ խնդրե՞նք նորին մեծություն թագավորին ու երիտասարդ պարոն Ախ֊ախին, որ թողնեն ծովի հատակը, թե՞ խորհրուրդ տանք նրանց մնալ այնտեղ։
 
Պարոն Պիպինի առաջադրած հարցը իրոք շատ էական էր, բայց միաժամանակ շատ բարդ։ Նրան լսող շատ աստիճանավորներ նույնիսկ չեն հասկանում, թե ի՞նչ նկատի ունի պարոն քաղաքագլուխը, և Պիպինը ստիպված էր կրկնել իր հարցը։
 
Դրանից հետո պաշտոնյաները նորից բոլորը միասին գլխով են անում․
 
― Օ՜, այո՛, իհարկե։
 
Համոզվելով, որ պաշտոնյաները համաձայն են իր առաջարկին, Պիպինը ծափ է տալիս և հայտարարում․
 
― Այդ դեպքում, պարոններ, անցնենք տվյալ հարցի ուսումնասիրմանը։
 
Քաղաքային առևտրի պալատի նախագահը, որ շատ մեծ ու փարթամ կանաչ մորուք ուներ, խնդրում է, որ հնարավորություն տրվի իր տեսակետն ասելու։
 
― Այ թե դու ինձ ինչ ասա, Պիպին․ ինչպե՞ս մենք կարող ենք դուրս քաշել թագավորին։
 
― Բայց ես ասացի դուրս քաշե՞լ։ Խոսքը վերաբերում է նրան, թե արդյոք կարո՞ղ ենք մենք խնդրել նորին մեծությանը․․․
 
Բայց առևտրի պալատի նախագահը ընդհատում է Պիպինին․
 
― Դուրս քաշել, խնդրել՝ այդ բոլորը նույն բանն է։ Վերջ ի վերջո երկու դեպքում էլ մենք պետք է մեկին վարձենք, որպեսզի համաձայնի գնալ ծովի հատակը՝ կորածներին փնտրելու։ Ճիշտ չե՞մ ասում, պարոններ։ Բայց չէ՞ որ սա կապված է ծախսերի հետ։
 
― Ճիշտ է, ― պաշտպանեց քաղաքագլուխը։ Բայց նա այլևս առաջվա վստահ տեսքը չուներ։ ― Տվյալ հարցը լուծելու դժվարութունը հենց դրանում է կայանում։ Նյութական որոշակի ծախսեր են սպասվում, պարոններ։ Ո՞վ է համաձայն այդ ծախսերը իր վրա վերցնել։
 
― Այո՛։ Ո՞վ կհամաձայնի իր վրա վերցնել այդ ծախսերը, ― ասում են այդ բոլորը միասին, մեկը մյուսին նայելով։
 
Մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ սկսում են ինչ֊որ բան շշնջալ Պիպինի ականջին, որից հետո նա խոսում է․
 
― Մի հաճելի նորություն կա, պարոններ։ Մայրաքաղաքի ապրանքատար կայարանում, մթերքով բեռնված չորս վագոն կա։ Դեռևս այդ վագոնները ուղարկված չեն։ Մենք կարող ենք դրանք վաճառել և փող ունենալ։
 
― Խնդրում եմ հարգելի ժողովից, որ այդ վագոնները ինձ վաճառի, ― շտապ ոտքի է կանգնում առևտրի պալատի նախագահը, բռունցքը կրծքին խփելով։ Ես միայն մի բան եմ խնդրում․ մի փոքր պակասեցրեք գինը։
 
― Ինչքա՞ն ես դու առաջարկում։
 
― Թույլ կտա՞ք, պարոն քաղաքագլուխ, ― ճեղքելով առաջ է անցնում բարեգործական ընկերության պրեզիդենտը ու կանգնում Պիպինի առջև։ ― Այդ չորս վագոն մթերքը նախատեսված է սովի մատնված բնակչության համար։ Գյուղացիները օգնության են սպասում։ Ներկա մոմենտում (ես դա ընդգծում եմ) նրանք ոչ մի ուտելիք չունեն․․․
 
Քաղաքագլուխը, չսպասելով նրա երկար ճառի վերջին, թափահարում է ձեռքը․
 
― Դա ոչինչ չի նշանակում։ Իմ կարծիքով այնքան էլ կարևոր չէ, թե որևէ մեկը ներկա մոմենտում ուտելու բան ունի՞, թե ոչ։ Իմ առջև, ինչպես տեսնում եք, նույնպես ներկա մոմենտում ոչ մի ուտելու բան չկա, և այնուամենայնիվ, ես դրա համար չեմ վնգստում։ Ուտելիքի մասին ես սկսում եմ մտածել այն ժամանակ, երբ գալիս է ճաշելու ժամը։ Ներկա մոմենտում (ես էլ եմ դա ընդգծում) մեր բոլորի առողջության համար ավելի օգտակար է ախորժակ ունենալը։ Դուք ինձ հետ համաձա՞յն եք, պարոններ։ Գյուղացիների համար էլ պետք է լինի այն կանոնը, որը և գոյություն ունի մեզ համար։ Պետությունների օրենքներն ու մարսողության օրենքները բոլորի համար ընդհանուր են։ Չի կարելի անմիջապես ուտել, երբ հենց նոր են նրա մասին խոսել, դա ընդունված չէ հասարակության մեջ։ Եվ ձեր պարտականությունն է, պարոն պրեզիդենտ, համոզել գյուղացիներին այդ չորս վագոն մթերքը մեզ հանձնելու նպատակահարմարության մասին։ Չէ՞ որ նրանք պետք է ինչ֊որ ձևով վարձահատույց լինեն նորին մեծությանը։ Իսկ մենք այդ մթերքը օգտագործում ենք մեր ընդհանուրի բարօրության համար։ Ահա թե ինչպես եմ ես հասկանում բարեգործական ընկերության խնդիրները, պարոն պրեզիդենտ։
 
― Դուք ճիշտ եք, պարոն քաղաքագլուխ, բայց դրա հետ միասին հաշվի չեք առնում մի կարևոր հանգամանք, ― լսվում է բարեգործական ընկերության պրեզիդենտի ձայնը։ ― Եթե մենք այդ չորս վագոն մթերքը վաճառքի հանենք, գյուղացիները ուղղակի կապստամբեն։ Դուք ապստամբությունից չե՞ք վախենում։ Անկեղծ ասած, անձամբ ես, վախենում եմ։
 
Բոլորը քար են կտրում, վախեցած աչքները չհեռացնելով քաղաքագլխից։ Պիպինի ատամներն իրար են խփվում։
 
Եվ այդ ժամանակ բարեգործական ընկերության պրեզիդենտը առաջարկություն է անում, որը նա վաղուց մտածել էր իր բոլոր մանրամասնություններով․
 
― Ես կարծում եմ, պարոններ, մենք պետք է հայտարարենք նվիրատվությունների հանգանակում։ Ով ինչքան կարող է, թող այնքան մուծի։ Հավաքված գումարը կտրվի ինձ, իսկ ես արդեն կմտածեմ, թե ինչպես կարգի բերել գործը։
 
― Հը՜մ։ Ձեր ուղեղում շարունակ միայն բարեգործությունն է, ― խայթում է առևտրի պալատի նախագահը։
 
Սակայն պրեզիդենտը առարկում է․
 
― Մի՞թե դուք ոչ մի օգուտ չեք տեսնում այդ ազնիվ նախաձեռնությունից։
 
― Ազնի՞վ։ Իսկ ի՞նչ օգուտ։
 
― Հը՞մ։ Դուք գլխի չե՞ք ընկնում։ Հասկանալի է, որ նվիրատվությունները ծախսվելու են նորին մեծությանը հանելու համար։ Բայց դուք մի՛ կարծեք, որ մենք այդ փողերը քամուն ենք տալու։ Ես համոզված եմ, որ նորին մեծությունը, հենց որ նրան ջրից հանենք, մեզ բոլորիս կպարգևատրի մեր մատուցած ծառայության համար։
 
― Միանգամայն ճիշտ է, ― ուրախանում է Պիպինը։ ― Պետք է դիմել բոլոր հարուստներին։ Պարոննե՛ր, նվիրաբերենք նորին մեծությանը փրկելու համար։
 
Բայց առևտրի պալատի նախագահը դարձյալ կասկածի մեջ է ընկնում․
 
― Սպասեցեք, սկզբում ամեն ինչի մասին պետք է լավ մտածել։ Արդյոք մենք վտանգի չե՞նք ենթարկվում մեր փողերը՝ թագավորին փրկելու համար։
 
Հարցը տեղին էր։ Եվ իսկապես, ռիսկ չէ՞ դա։
 
Բայց հենց այդ ժամանակ ծովում երևում է ինչ֊որ մեկի գլուխը, որը բղավում է շնչասպառ լինելով․ «Ռիսկ չանե՜ք», և նորից անհետանում է։
 
Ափին հավաքվածները վախից լռում են։ Մի քիչ հետո ջրի երեսին դարձյալ երևում է գլուխը։
 
― Վա՜յ․․․ թագաժառանգն է, ― բղավում է ինչ֊որ մեկը։
 
Իրոք, դա թագաժառանգն էր։ Իսկ նրա հետևում թպրտում էր քույրիկ Էյույը։ Նրանք հալից ընկել էին, աշխատելով շուտ հասնել ափին։
 
Թնդում են թմբուկները, որոտում է նվագախումբը, պաշտոնյաներն ու բարձրաստիճան անձինք թագաժառանգին դիմավորում են պատշաճ հարգանքով։ Ամեն կողմից հարցեր են տալիս․
 
― Ձերդ մեծություն, այդ դո՞ւք եք։ Որքա՞ն ժամանակ է անցել։ Ինչպե՞ս է իրեն զգում ձեր բարձր անձը։
 
― Այնտեղ ժամանակը ինչպե՞ս անցկացրիք, ձերդ մեծություն։ Ուրախ է եղել, իհարկե։
 
― Չե՞ք ասի արդյոք, ձերդ մեծություն, ինչպես է իրեն զգում նորին մեծությունը։ Նա ցանկություն ունի՞ դուրս գալ մեր անհրապույր ափը և զբոսնել այստեղ՝ մեզ հետ։
 
Կարմրաքիթ թագաժառանգը նույնիսկ հայհոյում է․
 
― Դուք հիմար բաներ եք դուրս տալիս, պարոններ։ Անմիջապես ազատեք նորին մեծությանը, իմ հորը։
 
Վրա հասած քույրիկ Էյույը դեմքից մաքրում է ջուրը և հայելու մեջ նայելուց հետո նույնպես խառնվում է խոսակցությանը․
 
― Եթե թագավորը չհամաձայնի էլ ափ դուրս գալ, դա դժբախտություն չի լինի։ Որևէ մեկը կգտնվի, որ գահը ժառանգի։ Առանց թագավորի չենք մնա։ Բայց, ա՛յ, հարուստ մարդ մենք քիչ կարող ենք գտնել, իսկ դա շատ վատ է։ Շուտ արեք ազատեք երիտասարդ պարոն Ախ֊ախին։
 
Առևտրի պալատի նախագահը շտապով ճեղքում է ամբոխն ու առաջ անցնում․
 
― Իսկ մեծ պարգև կտա՞ երիտասարդ պարոնը։
 
― Իհարկե մեծ։ Պարոն Ախ֊ախը ամենահարուստ հարուստն է աշխարհում։
 
― Դա պատասխան չի, ― հոգոց է հանում առևտրի պալատի նախագահը։ ― Ես կուզենայի հենց սկզբից ճշտել որոշ մանրամասնություններ։ Առաջին՝ մենք պետք է նախօրոք իմանանք, արդյո՞ք երիտասարդ պարոնը մեզ կվարձատրի, եթե մենք ազատենք նրան։ Երկրորդ՝ ինչքա՞ն կարող է լինել վարձի չափը։ Երրորդ՝ մենք ուզում ենք իմանալ, արդյո՞ք վարձը կանխիկ կտրվի։ Եթե մենք ստանանք այս երեք հարցի հստակ պատասխանը, ապա մենք կմտածենք առաջարկության մասին։
 
― Ինչ կա որ, այդ դեպքում որևէ մեկին ուղարկեք ծովի հատակը, թող նա այնտեղ համաձայնության գա պարոն Ախ֊ախի հետ։
 
― Վախենում եմ, որ դրանից ոչինչ դուրս չգա, ― նկատում է Պիպինը։ ― Ինձ թվում է, որ ավելի լավ է այստեղ համաձայնության գալ, քանի ծովածոցի հատակում, որքան ինձ հայտնի է, նկատվում է օդի խիստ պակասություն և այնտեղ տարվող մեր բանակցությունները կարող են մտնել փակուղու մեջ։
 
― Իսկ ի՞նչ անենք։ Գուցե՞ այստեղ հրավիրենք երիտասարդ պարոնին և փորձենք համաձայնության գալ նրա հետ, ― հարց է տալիս առևտրի պալատի նախագահը։ ― Հա՜, բայց այն ժամանակ ոչ մի վարձի մասին խոսք լինել չի կարող։ Չէ՞ որ դրա համար ստիպված ենք առաջին հերթին նրան հանել ծովից, իսկ այդ ժամանակ էլ ոչ մի ծախս չի փոխհատուցվի։
 
― Ի՞նչ անել։
 
― Գիտե՞ք ինչ, ― առաջարկում է քույրիկ Էյույը։ ― Եկեք այստեղ հրավիրենք Կվիսին։ Նա պարոն Ախ֊ախի գլխավոր հաշվետարն է և միանգամայն կարող է փոխարինել նրան՝ բանակցությունների ժամանակ։
 
― Ճիշտ է։ Պետք է անմիջապես հեռագիր ուղարկել Կվիսին։
 
Եվ քաղաքագլուխ պարոն Պիպինը Կվիսին իսկույն հեռագիր է ուղարկում հետևյալ բովանդակությամբ։
 
...<b>Իսկ մարս ախ ծով շտ հանել</b>
 
ինչ որ անհեթեթությո՞ւն է։ Ոչ, անհեթեթություն չէ։ Հեռագրի նախնական տեքստը բացարձակապես պարզ է եղել․
 
::Իսկապես որ սարսափելի բան է կատարվել
 
::բացակ նշան գնացքը ստկ որով գնում էր երիտասարդ
::պարոն Ախ գիծ ախը ստկ շուռ է եկել
 
::և ընկել է ծովը վջկ Անհրաժեշտ է շտապ միջոցներ
 
::ձեռք առնել տուժածներին դուրս բերելու համար
 
::վջկ Խնդրում եմ շտապ մեկնել վջկ
 
:::Քաղաքագլուխ Պիպին վջկ
 
 
Բայց բանն այն է, որ այս հեռագիրն ուղարկելը բավականին թանկ էր նստում, իսկ հեռագրատանը հրաժարվում են գոնե մի փոքր զիջում անելուց։ Այն ժամանակ որոշվում է հեռագրի վճարման համար ռիսկի չենթարկել խոշոր գումար և տեքստը մի քիչ կրճատել։
 
Հեռագիրն ստանալով Կվիսն իսկույն կազմում է պատասխանը․
 
::Ձեր ուղարկած հեռագիրը շատ համառոտ էր ստկ
 
::ոչ մի բան չի հասկացվում վջկ Խնդրում եմ
 
::մանրամասն հաղորդել ստկ ինչը նկատի ունեք
 
::վջկ Սպասում եմ նոր հեռագրի և պարզ հրահանգների
 
:::վջկ Կվիս վջկ
 
Սակայն Կվիսը շատ խնայող հաշվետար էր։ Նա գիտեր տիրոջ կոպեկի արժեքը և դրա համար էլ կրճատում է հեռագրի տեքստը, թողնելով միայն ամենաէականը․
 
:::Հեռագ շատ անհաս խնդ կրկ կվս
 
Պատասխան հեռագիրը ստանալուց հետո Պիպինը քորում է ծոծրակը և երկար ժամանակ աչքերը չռած՝ նայում է թղթին։ Հեռագիրն ուսումնասիրում են Ծովախորշերի քաղաքի վարչության ամենապայծառ, ամենակրթված գլուխները, յուրաքանչյուր հիերոգլիֆը ստուգում են բառարանով և, վերջապես բազմակողմանի քննարկումից հետո, գալիս են հետևյալ եզրակացության։
 
― Այնուամենայնիվ պարզ չէ, Կվիսը կգա՞, թե չի գա։
 
― Վերջ ի վերջո, դա այնքան էլ կարևոր չէ, ― ասում է առևտրի պալատի նախագահը։ ― Թող երիտասարդ պարոնը մի քիչ սպասի ծովի հատակում, նրան այնտեղ ոչինչ էլ չեն անի։ Բայց, ա՛յ, գնացքը, պարզ է, իրենից ինչ֊որ արժեք է ներկայացնում։ Պետք է ամենից առաջ հանել գնացքը։
 
― Դարձյալ ծախսեր են պետք, ― հառաչում է քաղաքագլուխը։
 
― Դրա համար ես միջոցներ կտամ, ― սիրով ասում է առևտրի պալատի նախագահը։ ― Առաջին կարգի երկաթուղային գնացքի վաճառքը մեծ օգուտ կտա։
 
― Խնդրում եմ ինձ ընդունել բաժնետերերի թվում, ― արագ պահանջում է քույրիկ Էյույը։
 
Բաժնետոմսերի նոր ընկերության անդամ են ուզում դառնալ շատ պաշտոնական դեմքեր ու բարձրաստիճան անձինք, և ամենակարճ ժամանակում հիմնական դրամագլուխը արդեն հավաքված էր։
 
Մինչ շահագրգռված մարդիկ քննարկում են բաժնետերերի նոր ընկերության վարկերի հարցը, ծովի ընդարձակ մակերեսին մեկ այստեղ, մեկ այնտեղ երևում են մարդիկ։ Ծովածոցի ափին ապրող նավաստիներն ու ձկնորսները դուրս են գալիս խեղդվողներին օգնելու։
 
Առաջինը դրա վրա ուշադրություն է դարձնում առևտրի պալատի նախագահը։ Նա սկսում է շտապեցնել բաժնետերերին, որպեսզի շուտ վերջացնեն առևտուրը և գործի անցնեն։
 
― Անմիջապես դադարեցրեք մարդկանց ազատելը, ― բղավում է նա ձկնորսներին։ ― Է՜յ, ետ դարձեք։ Բոլորդ այստեղ եկեք։ Նախ պետք է գույքը հանել, դա ավելի կարևոր է։ Ես բոլորիդ աշխատանքի կվերցնեմ։ Այստեղ եկեք։
 
Բայց նրանք, ովքեր ծովում էին, նույնիսկ նրա ձայնի վրա էլ շուռ չէին գալիս և շարունակում էին մարդկանց փրկելու գործը։ Ախ֊ախի ծառաներից ու խոհարարներից շատերն արդեն ջրից հանված էին։
 
Բայց շատերն էլ իսկապես խեղդվել էին՝ թագավորը, արքայադուստր Ալ Վարդը․․․
 
Հենց որ քույրիկ Էյույը լսում է, որ արքայադուստր Ալ Վարդը խեղդվել է և հանգչում է ծովի հատակում, նա իսկույն կոկորդիլոսի արցունքներ է թափում․
 
― Վա՜յ֊վա՜յ։ Այսքանից հետո դուք ինչ քաղաքագլուխ եք։ Աչքներդ լայն բաց արեք։ Ես ուղղակի զարմանում եմ, թե ինչպե՞ս կարելի է այդպիսի հիմար հարցեր տալ։ ― Եվ հանկարծ նա ճչում է ականջ ծակող ձայնով․ ― Կանգնի՛ր։ Ե՛տ դարձիր։ Ո՞ւր ես վազում։
 
Կարմրաքիթ թագաժառանգը հանկարծ փախչում է։ Քույրիկ Էյույը վազում է նրա հետևից․
 
― Ո՞ւր ես վազում։ Սպասի՛ր։ Ես պետք է քեզ մի բան ասեմ։
 
Թագաժառանգը ուշադրություն չդարձնելով նրան, ավելի արագ է փախչում։
 
― Ես մայրաքաղաք եմ շտապում։ Գահի վրա ոչ ոք չկա։ Այդպիսի բան չի կարելի թույլ տալ։
 
Այդ ժամանակ մեծատոհմիկ ու բարձրաստիճան անձինք բոլորը խոր գլուխ են տալիս։ Այդ դիրքում նրանք մնում են այնքան ժամանակ, մինչև որ թագաժառանգն ու քույրիկ Էյույը այլևս չեն երևում։
 
Իսկ առևտրի պալատի նախագահը դեռ շարունակում էր բղավել, պահանջելով անմիջապես դադարեցնել մարդկանց ազատելու աշխատանքները։ Բայց բոլորը զբաղված էին իրենց գործով, ոչ ոք չէր լսում նրան։
 
― Իսկ ինչո՞ւ պարոն Ախ֊ախը դեռ չի երևում, ― զարմանում է քաղաքագլուխը։ ― Ես մեկն ու մեկին կխնդրեմ իմ փոխարեն իջնել ծովի հատակը և Ախ֊ախին հարցուփորձ անել, թե ինչպես է զգում իրեն։
 
Բայց հատակ իջած կտրիճները ոչ մի տեղ չեն գտնում Ախ֊ախին։ Ամենաչաղ հարուստը անհետ կորել էր։ Երկու օր ու երկու գիշեր տևող համառ որոնումներից հետո ավարտում են աշխատանքները։ Չի գտնվում միայն պարոն Ախ֊ախը։
 
Հանում են նաև զարդարված հատուկ գնացքը։ Բաժնետիրական ընկերության վարչությունը շտապ կարգով անցնում է ապագա շահույթների բաշխմանը։ Ախ֊ախի մասին բոլորը մոռանում են։
 
Չէ՛, ասենք, ոչ բոլորը․ կարմրաքիթ թագաժառանգն արդեն նստել էր գահին և, որպես նոր թագավոր, Ախ֊ախին գտնելու համար ուղարկում է իր ամենամոտիկ և ամենից ավելի հավատարիմ մարդկանց։ Ամենուրեք փակցվում են նոր թագավորի սեփական ձեռքով գրված հայտարարություններ։ Ճիշտ է, նոր թագավորը այդ հայտարարության համար գրել էր միայն մի հիերոգլիֆ՝ «փնտրում են»։ Իսկ երկրորդ հիերոգլիֆը, «մարդը» չափից դուրս բարդ էր նոր միապետի խելքի համար, թեև այն կազմված էր ընդամենը երկու շատ սովորական գծիկից։ Բարեբախտաբար, այդ կարևոր փաստաթուղթը կազմելիս ներկա է լինում Պետական մինիստր Բաբաոն, և թագավորը հարցնում է նրան․
 
― Բաբաո, ինչպե՞ս կարելի է գրել «մարդ» հիերոգլիֆը։
 
Պետական մինիստրը թագավորից վերցնում է վրձինը և «փնտրում են» բառի կողքին գրում է անհրաժեշտ հիերոգլիֆը։ Բայց քանի որ նա նստած է լինում թագավորի դիմացը և չի հանդգնում թուղթը շուռ տալ դեպի իրեն, ուստի բառը գրում է շուռ տված ձևով։ Հայտարարության տեքստը նախօրոք հորինած է լինում մի բանաստեղծ։ Ահա թե ինչ տեսք ուներ հայտարարությունը․
 
Փնտրում են դրամ
 
<poem>
Չաղ է, չաղ է նա ահավոր
Միշտ քայլում է օրոր֊շորոր,
Երեք ծալ ել կզակ ունի,
Ճիշտ կես մետր դա կլինի,
Ով ով էլ որ գտնի սրան
Ուրախությամբ մենք անսահման
Նվեր կտանք
10.000 ֆրանկ մարգարիտ։
</poem>
 
Ախ֊ախին որոնելու համար ոտքի էր հանված ամբողջ ոստիկանությունը և հետախույզների մի ամբողջ բանակ։ Բայց․․․ Ախ֊ախը անհետ կորել էր։
 
Բայց, այնուամենայնիվ, ո՞ւր էր կորել նա։
 
 
==Գլուխ տասնյոթերորդ==
 
«Ա՜խ, ինչքան եմ սոված»
 
 
Երբ գնացքը շրմփում է ծովը, Ախ֊ախն առաջին հերթին կորցնում է գիտակցությունը։ Բայց ոչ երկար ժամանակով։ Ուշքի գալով, նա սողում է դեպի վագոնի մուտքը։ Դուռը բացելը նրանից մեծ աշխատանք է պահանջում, բայց վերջ ի վերջո կարողանում է դուրս գալ։
 
Ախ֊ախը շատ դանդաղ է դուրս գալիս ջրի մակերեսը։ Նա լող է տալիս, լող է տալիս և երբ, թվում է թե ուր որ է երկինքը կերևա, մի հսկայական ալիք է բարձրանում և այնպես է խփում նրան ծոծրակին, որ նորից է սուզվում ջրի տակ։ Նա նորից է փորձում դուրս գալ ջրի մակերես, բայց նորից մի նոր ալիք է խփում։ Եվ ալիքները նրան ավելի են հեռացնում ափից։
 
Ախ֊ախը փորձում է ձեռքով նշան անել, որ կարող էր միայն մի բան նշանակել․ «Ծառանե՛ր, եկեք ինձ մոտ», ― բայց իսկույն կորցնում է հավասարակշռությունը և նորից է սուզվում։
 
Այնուամենայնիվ ոչ մի վախ չի զգում։
 
«Ինչո՞ւ վախենամ, ― մտածում է նա։ ― Չէ՞, որ ես փող ունեմ»։
 
Այդ վստահությունը նրան ներշնչել էր դեռևս հանգուցյալ Բաբախը։
 
«Կարևորը փող ունենալն է, ― հաճախ ասում էր նա։ ― Փողով դու կարող ես անել ամեն ինչ»։
 
Այդ համոզմունքը պատվաստել էին նրա մեջ նաև թագավորական ընտանիքի տարրական դպրոցի ուսուցիչները։ Պատմության դասատուն բոլոր դասերին այնպիսի օրինակներ էր բերում, որոնցից միշտ մի բան էր պարզ՝ հարուստ լինելը լավ է, վատ է աղքատ լինելը։ Ախ֊ախը նույնիսկ հիշում է հին պետության պատմությունից մի դեպք․․․ Ո՛չ, պետության անունը Ախ֊ախը չի հիշում, բայց դա չէ էականը։ Մի խոսքով, ինչ֊որ մի հարուստ նույնիսկ կարողանում է գնել իմաստուն կախարդի խիզախությունը։ Ահա թե ինչ ուժ ունի փողը։ Մի մտածեք, է՜ նույնիսկ խիզախությունը կարելի է գնել փողով։
 
Դա շատ ուսանելի պատմություն է։ Գուցե՞ խնդրենք Ախ֊ախին մեզ պատմի այդ պատմությունը։ Անօգուտ է։ Ախ֊ախն, իհարկե, այդ պատմությունը մի քանի անգամ էր լսել, բայց ինչպես պետք է, մտքում չէր պահել։ Դե նա իսկի չէր էլ աշխատում մտքում պահել․ չէ՞ որ նրա փոխարեն հիշում էին ծառաները։ Իսկ եթե մեկը խնդրում էր Ախ֊ախին պատմել որևէ հետաքրքիր բան, բավական էր, որ նա նշան տար, որը կարող էր մի բան նշանակել․ «Ես ուզում եմ պատմություն պատմել» և ծառաներն սկսում էին պատմել։ Նրանք պատմում էին հետաքրքիր, հրապուրիչ, հաճելի էր լինում նրանց լսելը։ Եվ հետևյալ օրը բոլոր լրագրերը իրենց ընթերցողներին հաղորդում էին, որ Ախ֊ախը աշխարհի ամենալավ պատմողն է, իսկ նշանավորագույն ընթերցողները խմբերով գալիս էին նրա մոտ, խնդրում, որ նա հանդես գա հրապարակային դասախոսությամբ՝ «Ինչպես պատմել հետաքրքրաշարժ պատմություններ»։
 
Սակայն հիմա Ախ֊ախը փոթորկող ծովում մենակ էր, բոլորովին մենակ։ Այդպիսի բանի նա սովոր չէր։
 
Ալիքներն Ախ֊ախին ափից գլորում էին հեռու֊հեռու։ Նրա գլուխը մերթ երևում էր ջրի մակերեսին, մերթ դարձյալ անհետանում։ Մարմինը, որին ոչ մի ներքին ուժ չէր ազդում, ակամա ճոճվում էր ալիքների վրա։
 
«Ալիքը ինձ ինչ֊որ տե՞ղ է քշում», ― առաջին անգամ մտածմունքի մեջ է ընկնում Ախ֊ախը։ Սակայն այդ միտքն էլ չի անհանգստացնում նրան։ Բարեբախտաբար նրա հագինը դիմացկուն կոստյում էր, իսկ կոստյումի վրա բազմաթիվ գրպաններ կային, որոնք բերնեբերան լցված էին ոսկե փողերով, ալմաստներով ու մարգարիտներով։ Ճակատագիրն ու ալիքները ուր էլ տանեին նրան, նա ամեն տեղ կարող էր իր փողերով գնել ինչ որ սիրտը ուզի և պետք չէր լինի մտածել ո՛չ ուտելիքի, ո՛չ էլ հագուստի մասին։
 
«Թող քշի, իմ ինչ գործն է», ― այդպես է որոշում Ախ֊ախը։
 
Իր մտքերով տարված, Ախ֊ախը հանկարծ ինչ֊որ անհասկանալի ճողփյուն է լսում, կարծես ինչ֊որ մեկը օդի մեջ աղմուկով ջրի ուժեղ շիթ է բաց թողնում։
 
«Ըստ երևույթին ինչ֊որ կախարդ է լողում, ― մտածում է Ախ֊ախը, նորից սուզվելով ջրի մեջ։ ― Ինչպե՞ս օգտվեմ սրանից։ Ի՞նչ շահավետ գործարք կնքեմ»։
 
Բայց այդ ժամանակ Ախ֊ախը դուրս է գալիս ջրի մակերեսը և տեսնում է իրենից ոչ այնքան հեռու գտնվող հսկային, որը իր գեր մարմնով ծածկելով ամբողջ հորիզոնը՝ լողում է ուղիղ նրա վրա։
 
Իհարկե, դա կետ էր, որը, ինչպես գիտենք, Ախ֊ախը կարող էր չիմանալ։
 
«Ո՞վ է սա։ Ի՞նչ գործ ունի այստեղ», ― տագնապով հարցնում է ինքն իրեն Ախ֊ախը։
 
Եվ հանկարծ նա հիշում է, որ դեռ դպրոցում լսել էր ինչ֊որ մեծ կենդանու մասին, որը ապրում է օվկիանոսում։ Ուսուցիչը նույնիսկ քննության ժամանակ հարցրել էր դրա մասին, և Ախ֊ախը ստացել էր ամենաբարձր գնահատականը՝ հարյուր թվանշան։ Բայց թե սա ի՞նչ կենդանի է և ի՞նչ պետք է անել նրա կոկորդը չընկնելու համար, Ախ֊ախն արդեն չէր հիշում։ Չէ՞ որ այն ժամանակ նրա փոխարեն պատասխանել էին ծառաները։
 
Իսկ կետը առավոտից սոված է լինում, մի բան, որ Ախ֊ախը կարող էր չիմանալ։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքա՜ն է ուրախանում կետը, երբ հանկարծ տեսնում է Ախ֊ախին։
 
― Սա իմ բա՜խտն է, ― բացականչում է նա։ ― Ինչ լավ կարկանդակ է։ Այ հիմա մենք կուտենք․․․
 
Կետը արագ լողում է դեպի Ախ֊ախը, լայն բացում է երախը և դեպի իրեն է քաշում վիթխարի քանակությամբ ծովի ջուր, դրա հետ միասին նաև Ախ֊ախին։ Հետո նա աղմուկով բաց է թողնում մի ամբողջ շատրվան ջուր, իսկ Ախ֊ախին կուլ է տալիս ամբողջությամբ։
 
Դուք արդեն գլխի ընկաք, որ այդ կետը ուտելիքի հարցում խտրություն չի դնում։ Նա կուլ է տալիս այն, ինչ֊որ ճանապարհին պատահում է։ Ձկներ, խեցգետիններ, ծովային աստղեր, մեդուզաներ էին ընկնում նրա երախը և կերակրափողով անցնում ստամոքսը։ Ամենազարմանալին այն է, որ կետը նույնիսկ կուլ տալուց առաջ չի ծամում ուտելիքը, իսկ դուք գիտեք, թե որքան վնասակար է դա։ Եվ ահա կետը իր հիմար սովորության պատճառով տուժում է։ Կետը իր կյանքում ամեն տեսակ բան շատ էր փորձել, բայց երբեք ոչ մի անգամ այնպիսի բան չէր կերել, որ Ախ֊ախի նման լիներ։ Քանի դեռ Ախ֊ախը նրա լեզվի վրա է լինում, նա հանկարծ ինչ֊որ տարօրինակ համ է զգում։ Բայց ափսոսում է Ախ֊ախին դուրս թքել, և արտասովոր կարկանդակը ընկնում է նրա ստամոքսը։
 
Կետը շարունակում է ակոսել ծովը, բայց այն միտքը, որ ինքը տարօրինակ գազան էր կերել նախաճաշին, այլևս չէր հեռանում նրանից։
 
«Ի՞նչ էր։ Ո՞վ էր։ Շատ ծովերում ու ովկիանոսներում եմ եղել, բայց ոչ մի անգամ նման բանի համ չեմ տեսել, ― մտածում է նա։ ― Բը՜ռռ․․․ ինչ տհաճ համ է։
 
Կետը սկսում է ավելի արագ լողալ, բայց դա էլ չի օգնում։ Քանի գնում է, ստամոքսի ցավը այնքան ավելի է ուժեղանում։
 
Իսկ ինչ էր այնում այդ ժամանակ Ախ֊ախը։
 
«Ո՞ւր եմ ընկել», ― այդ միտքը դանդաղորեն շարժվում է նրա ուղեղում։
 
Ախ֊ախը հիշում է, որ իրեն մի ալիք տարել ու գցել էր այդ անթափանց խավարը։ Լավ կլիներ, որ լույս աշխարհ դուրս գար, բայց ինչպե՞ս։ Բացի այդ, չորս կողմից այնպես էր ձկան հոտը փչում, որ Ախ֊ախը, որը առավոտից ոչինչ չէր կերել, գլխապտույտ է զգում։ Ոչ, ոտքի կանգնելը, ելքը գտնելը՝ նրա ուժից վեր էր։ Անհամեմատ ավելի հեշտ է նոր վիճակին ընտելանալը։ Նա գլխի է ընկնում, որ այստեղ ինքը մենակ չի, որ իր կողքին վխտում են էլի ինչ֊որ կենդանի էակներ։ Եվ հանկարծ նա լսում է խեցգետինների միանգամայն պարզ խուճապի շշուկը։
 
― Շուտ արեք փախչենք, փախչենք։ Նա մեզ կուտի։
 
«Ի՞նչ է պատահել դրանց», ― ուզում է մտածել Ախ֊ախը, բայց հենց այդ ժամանակ ինչ֊որ մի անասելի ուժ նրան բարձրացնում է, քաշ է տալիս և այնպես է պտտեցնում, որ նա ոչ միայն նստած, այլև պառկած չի կարողանում տեղում մնալ։
 
Նա հիշում է ծառաներին, որոնք նրա առաջին իսկ ազդանշանով անում էին այն ամենը, ինչ որ պետք էր, բայց, դժբախտաբար, նրանք անհետացել էին։ Իսկ շառաչող ալիքը արդեն հասցնում է նրան դուրս բերել անթափանցելի խավարից և ուժով շպրտել առափնյա ծանծաղուտի վրա։
 
․․․Կետը անբացատրելի երջանկություն է զգում այն բանից հետո, որ դուրս է թքում այդ անմարսելի կարկանդակը։ Նա հիմա պարզ հասկանում էր, որ այդ բոլորի համար ինքն էր մեղավոր։ Ինչո՞ւ նա ընկավ այդ տարօրինակ գազանի ետևից։ Կարծում էր, թե դա կաթնահո՞ւնց է։ Համով բան էր ուզո՞ւմ։ Այ քեզ վիտամին։ Այ քեզ սննդամթերք․․․ Ինչ լավ էր, որ խելքը կտրեց այդ գազանին ցամաք շպրտել, որպեսզի ծովը չկեղտովի ամեն տեսակի անպետք բաներով․․․ Եվ կետը թեթևացած հոգով և թեթև ստամոքսով լողում է ալիքների վրայով՝ կարծես թե ոչինչ չէր պատահել։
 
Ահա թե ինչ ձևով է Ախ֊ախը հանկարծ հայտնվում ծովափնյա ծանծաղուտի ավազի վրա։
 
«Որտե՞ղ եմ ես։ Սա ի՞նչ տեղ է», ― մտածմունքի մեջ է ընկնում Ախ֊ախը, այդ ցնցումից խելքը գլուխը հավաքելուց հետո։
 
Նա արևի ուժեղ լույսից կուրացել էր և մի քանի րոպե չի կարողանում աչքերը բացել։
 
Ջինջ ծովի քամին և դաշտերի ծաղիկների բուրմունքը ուշքի են բերում Ախ֊ախին։ Նորից բացվում է նրա ախորժակը։
 
«Ո՞ւր կորան իմ ծառաները»։ «Ի՞նչ է կատարվել»։
 
Ախ֊ախը փակում է աչքերը։ Մի ակնթարթ նրան թվում է, որ ինքը կանգնած է սեղանի մոտ, որտեղ կան տապակած հավեր, ապխտած ձկներ, կարմրաթուշ բլիթներ, կարկանդակներ, տորթեր, շաքարով պատրաստված մրգեր։
 
Եվ հանկարծ Ախ֊ախը սարսափով հիշում է, այդ զգացումը, որն ինքն զգում է, կոչվում է «քաղց»։
 
― Ես, կարծես թե ինչ֊որ ժամանակ ունեցել եմ այդ զգացումը։ Բայց ե՞րբ։ Ե՞րբ, ― մրթմրթում է նա, բոլորովին ուժից ընկած։
 
Այդ ժամանակ երկնքում ինչ֊որ միալար տզզոց է լսվում։ Սկզբում Ախ֊ախին թվում է, որ այդ աղմուկը իր ականջներում է, սովածությունից է, բայց աչքերը բացելով, նա տեսնում է մի քանի սև կետեր, որոնք պտտվում են օդի մեջ։ «Աչքե՞րս են շաղվում, թե դրանք ինչ֊որ կենդանի էակներ են», ― մտածում է Ախ֊ախը։
 
― Էյ, ինչպե՞ս են ձեզ կոչում, ― բղավում է Ախ֊ախը։
 
Մեղուները նույնիսկ չեն էլ նայում նրա կողմը։ Նրանցից մեկը անջատվում է պարսից և սկսում թռչկոտել ինչ֊որ մի ծաղկի վրա։
 
― Ի՞նչ ես անում, ― զարմանում է Ախ֊ախը, երբ մեղուն մտնում է ծաղկի ներսը։ ― Ի՞նչ գործ ունես այնտեղ։
 
Մի րոպե անց մեղուն մագլցելով դուրս է գալիս և Ախ֊ախի դեմքին գցելով ծաղկի մի քանի փոշեհատիկ թռչում է հեռու։ Ծաղկափոշու հոտը այնքան հաճելի է լինում, որ Ախ֊ախը հաճույքից նույնիսկ աչքերը կկոցում է։
 
«Օ՜, գիտեմ, ― հանկարծ հիշում է նա։ ― Այդ միջատները ինչ֊որ համով ու անուշահոտ բան են պատրաստում։ Բայց դե ինչպե՞ս է դա կոչվում։ Ծառաներ, որտե՞ղ եք։ Ա՜խ, ինչքան սոված եմ։ Շատ եմ սոված»։
 
Նրա գլուխը անզոր ընկնում է խոտերի վրա, և այդ ժամանակ նա տեսնում է բազմաթիվ փոքրիկ էակների, որոնք արագ֊արագ այս ու այն կողմ էին գնում։ Նա ինչ֊որ մի տեղ նրանց տեսել էր՝ արագաշարժ, բարակ մեջքով, վեց շարժուն թաթիկներով։ Բայց որտե՞ղ։ Ե՞րբ։ Ինչպե՞ս են դրանք կոչվում։
 
Մրջյունները շատ զբաղված են լինում․ նրանք ինչ֊որ բեռ են քարշ տալիս, ավելի շուտ ուտելու պաշար։
 
― Է՜յ, դուք ո՞վ եք, ― հարցնում է Ախ֊ախը, թուքը կուլ տալով։
 
― Մենք Մեծ Յասենյա<ref>Մեծ Յասենյա երկիրը, մրջյունների հեքիաթային թագավորությունն է, որտեղ ինքնամոռացության մեջ է ընկնում միջնադարի գրող Լի Գուն֊ցզոյի «Առակներ փոխարքա Նանկեի մասին» ֆանտաստիկ նովելի անհաջողակ հերոսը, ոմն Չունյուն Ֆենը։ Ավելի քան հազար տարի առաջ գրած այս նովելը մեծ ժողովրդականություն է վայելում Չինաստանում»։ (Ծ․ Ռ․ Թ․)</ref> երկրից ենք, ― պատասխանում են մրջյունները, առանց աշխատանքն ընդհատելու։
 
― Մեծ Յասենյա երկրի՞ց, ― տարակուսանքով հարցնում է Ախ֊ախը։
 
Նա, կարծես թե, ինչ֊որ պատմություն էր լսել Մեծ Յասենյա երկրի մասին, բայց դա ե՞րբ էր եղել։
 
― Է՜յ, ինչու ես այդպես շտապում։ Կանգնի՛ր, ― Ախ֊ախը շտապով փակում է նրանց ճանապարհը։
 
― Ի՞նչ է պատահել, ― հարցնում է մի մրջյուն։
 
― Բարի եղեք, ինձ որևէ ուտելու բան վաճառեք։
 
― Ինչպե՞ս, ― չի հասկանում մրջյունը։
 
― Ախ֊ախը ստիպված բացատրում է, թե ինքը ինչ նկատի ունի․
 
― Ես սոված եմ։ Անհրաժեշտ է որևէ բան ուտել։
 
― Փնտրիր և, կգտնես, ― անվրդով պատասխանում է մրջյունը և շարունակում իր ճանապարհը։
 
― Ինչպե՞ս, ե՞ս պետք է փնտրեմ։ Դա ի՞նչ է նշանակում։
 
― Դա նշանակում է, որ պետք է գնալ աշխատանքի։
 
― Ախ֊ախը զայրանում է․
 
― Գիտե՞ս, թե ում հետ ես խոսում։
 
Մրջյունը մի աչքով նայում է նրան ու շուռ է գալիս․
 
― Ով ուզում է լինես։ Ի՞նչ տարբերություն։
 
Ախ֊ախը վճռականորեն կանգնեցնում է նրան․
 
― Անհրաժեշտ չէ, որ ես աշխատեմ։
 
Մոտենում է նաև մի ուրիշ մրջյուն։ Նա իր բեռը ցած է դնում և կասկածանքով նայում Ախ֊ախին։
 
― Իսկ ինչպե՞ս ես ապրում։
 
― Ո՞նց թե ինչպես․․․ Ինձ ուրիշներն են կերակրում։
 
Փոքրիկ մրջյունը ուշադիր լսելով մեծերի խոսակցությունը, ինքն էլ է մոտենում Ախ֊ախին։
 
― Ուրեմն, դու ոչինչ չե՞ս անում և սպասում ես թե երբ ուրիշները քո փոխարեն կանեն ամեն ինչ, ― զարմացած հարցնում է նա։
 
― Դե իհարկե։
 
― Եվ երկա՞ր կարելի է ապրել առանց աշխատելու։
 
― Ես փող ունեմ։
 
Փոքրիկ մրջյունը չի հասկանում Ախ֊ախին․
 
― Փ՞ող։ Իսկ դա ի՞նչ բան է։
 
Զրույցին միանում են նաև ուրիշ մրջյուններ․
 
― Իսկ որտեղի՞ց ես ձեռք բերում այդ փողերը։
 
Բայց Ախ֊ախը չի ուզում բացատրություն տալ նրանց։
 
― Լավ, հերիք է դատարկախոսությամբ զբաղվեք։ Շուտ արեք ինձ ուտելու մի բան բերեք։ Ես ձեզ փող կտամ։
 
Բայց այդ ժամանակ նա հանկարծ իր գլխավերևում լսում է ծանոթ միալար բզզոցը։
 
― Մեղվիկ, մեղվիկ, ― ճչում է փոքրիկ մրջյունը։ ― Դուք նորություն լսե՞լ եք։
 
Մեղուն մոտիկ է գալիս։
 
― Ես բոլորը լսեցի, ― պատասխանում է նա։ ― Ուշադրություն մի դարձրեք նրա ասածներին։ Իսկ ամենակարևորը, ոչ մի դեպքում թույլ չտաք, որ նա մրջնանոցին մոտենա՝ նա ձեզ կթալանի։ Ձեզ համար նա մրջնակերից ավելի սարսափելի է։
 
Փոքրիկ մրջյունը ժպտում է մեղվին և վազում է յուրաիններին հասնելու։ Ճանապարհին նա շուռ է գալիս դեպի Ախ֊ախը․
 
― Գոնե որևէ օգուտ լիներ քեզնից։ Աշխատել է պետք, մրջնակեր։
 
― Ես չեմ կարողանում, ― տխուր հառաչում է Ախ֊ախը, չհասկանալով, թե ինչու ոչ ոք չի կարեկցում իրեն։
 
Իսկ մրջյուններն ու մեղուները այլևս նրա վրա ուշադրություն չեն դարձնում, զբաղվում են իրենց գործով։
 
Ախ֊ախը ենթադրություններից գլուխը կորցնում է։ Բայց աստիճանաբար տարակուսանքը փոխվում է զայրույթի։
 
― Է՛յ դուք, փոքրիկ միջատներ, ― հրամայական բղավում է նա։ ― Ես պահանջում եմ՝ շտապ ինձ որևէ ուտելու բան բերեք։ Ո՞ւմ ինչ գործն է ես աշխատել կարո՞ղ եմ, թե ոչ։ Ես ամեն ինչ կարող եմ գնել փողով։ Իսկ դուք, արհամարհված միջատներ, մինչև անգամ փող չունեք։
 
Բայց մեղուները ինչ֊որ տեղ են մտնում, իսկ մրջյունները պտտվում են նրանց շուրջը։ Եվ ամենից վիրավորականն այն է լինում, որ փոքրիկ մրջյունը, նրա մոտով անցնելիս, ամեն անգամ ծաղրում է նրան ու նենգաբար ծիծաղում․
 
Ախ֊ախը կատաղում է։
 
― Է՛յ, դուք, պատասխանեք։ Ես պահանջում եմ։ Ինձ մոտ կանչեք ձեր հարուստներին։ Շտապ ինձ տարեք ձեր ամենագլխավոր հարուստի մոտ։ Ա՛յ, կտեսնեք, որ նա ինձ կդիմավորի ինչպես հարկն է․ կհյուրասիրի ապխտած հավերով, կումիսով․․․ Բավական է, որ ես մի բառ ասեմ՝ և նա ինձ կտա ամեն ինչ։
 
― Ժժժժժժժժժժժժժժ, ― բզզում է թռչող մեղուն։ Ժժժժ։ Հլա տես, թե ինչ է ուզում։ Այստեղ Հարուստների կղզին չէ։
 
― Ինչպե՞ս, ― արագ֊արագ հարցնում է Ախ֊ախը։ ― Ի՞նչ ասացիր։ Մի՞թե այդպիսի կղզի կա։
 
― Կա, ― դժկամորեն պատասխանում է մեծ մրջյունը, որը իր բեռով անցնում էր նրա կողքից։ ― Այդ կղզում ապրում են միայն հարուստները, պա՞րզ է։
 
― Իսկ որտե՞ղ է, որտե՞ղ է այդ կղզին։
 
― Հեռու է։
 
― Իսկ ինչպե՞ս կարելի է հասնել։ Դու հասկանո՞ւմ ես, որ միայն այնտեղ լավ կլինի ինձ համար։
 
― Լավ է այնտեղ, թե վատ, ոչ ոք չգիտի․ մենք ոչ մի անգամ չենք եղել այնտեղ։
 
― Մենք այնտեղ ուղարկում ենք միայն նրանց, ովքեր չեն սիրում աշխատել, ― ավելացնում է փոքրիկ մրջյունը։
 
― Ճիշտ է։ ― Հանկարծ մեղուն դիմում է մրջյունին։ ― Որքան հիշում եմ, դուք այնտեղ ուղարկեցիք մի անբանի։ Ճիշտ է, դա վաղուց էր։ Նա ձեզ գրե՞ց, թե ինչպես է այնտեղ դուրս գալիս իրեն։
 
― Ոչ, ― պատասխանում է փոքրիկ մրջյունը։ ― Մենք խնդրել էինք նրան անպայման գրել ամեն ինչի մասին, ինչ֊որ նա այնտեղ կտեսներ, բայց մինչև այսօր ոչ մի նամակ չենք ստացել։
 
― Գուցե իսկապես շատ լավ է և նա մեզ մոռացել է, ― նկատում է մեծ մրջյունը։
 
― Բարեկամներս, բարեկամներս, ― աղաչում է Ախ֊ախը։ ― Շուտ արեք ինձ ուղարկեք այնտեղ։
 
Մրջյուններն ու մեղուները հավաքում են իրար գլխի ու ինչ֊որ բան են փսփսում։ Հետո մի մեղու թռչում է Ախ֊ախի մոտ։
 
― Դու իսկապես ուզո՞ւմ ես գնալ Հարուստների կղզին։
 
― Դա ի՞նչ հարց է։
 
Մենք կարող ենք քեզ այնտեղ ուղարկել։ Բայց մի պայմանով․ եթե դու համաձայն ես․․․
 
― Կհամաձայնեմ, կհամաձայնեմ։ Շուտ արա ասա, ի՞նչ պայմանով։
 
― Հենց որ հասնես Հարուստների Կզին, դու պետք է իմանաս, թե ինչպիսի կլիմա է այնտեղ, ինչպիսի բուսականություն․ ծաղիկներ կա՞ն, թե ոչ։ Ոչ մի բան աչքաթող չանես, բոլորը կհիշես։
 
― Համաձայն եմ, համաձայն։
 
― Երբ բոլորն իմանաս, մեզ նամակ գրիր։ Նամակում մանրամասն կպատմես քո տպավորությունների մասին։
 
― Լավ, լավ։
 
― Չմոռանաս խոստումդ, ― ճչում է փոքրիկ մրջյունը։ ― Մենք արդեն մեկին ուղարկել ենք, նա էլ խոստացավ։
 
― Ես անպայման կգրեմ, անպայման, ― առանց տատանվելու համաձայնում է Ախ֊ախը։
 
Այն ժամանակ մեղուն ու մրջյունը ասում են, որ իրենք պետք է բոլորով մի անգամ էլ խորհրդակցեն։
 
― Եթե բոլորը համաձայն լինեն, ― ասում է մեղուն, ― մենք քեզ կհյուրասիրենք մեղրով, իսկ հետո կուղարկենք այդ կղզին։
 
Մեծ մրջյունն էլ է քաջալերում Ախ֊ախին․
 
― Մենք էլ քեզ կհյուրասիրենք որևէ համեղ բանով։
 
Ուղիղ տասը րոպե հետո մեղուն ու մրջյունը վերադառնում են իրենց բոլոր ընկերների հետ միասին։ Նրանք Ախ֊ախի համար շատ համեղ բաներ են բերում․
 
― Ինչ լավ ախորժակ ունես, ― զարմանում են նրանք, տեսնելով, որ ամեն ինչ արագ անհետանում է Ախ֊ախի բերանում։ ― Բայց դու մի ամաչիր, կեր, խնդրում ենք։
 
Ախ֊ախը ամաչելու մասին չէր էլ մտածում։ Մի րոպեում նա ուտում է մեղրի պաշարի երկու երրորդը, որ մեղուները հավաքել էին ամբողջ ամառվա ընթացքում և դատարկում է մրջյունների պահեստի կեսը։
 
Եվ վերջապես նա կշտանում է ու իսկույն ննջում։ Նա փակում է աչքերը և որոշում է, որ նախ մի լավ քնի ու հետո ճանապարհ ընկնի դեպի Հարուստների կղզին։
 
Մինչ նա քնած է լինում, առափնյա ավազի վրա հավաքվում են անթիվ անհամար մեղուներ։ Նրանք բոլորը շարժվում են օդի մեջ քնած Ախ֊ախի վրա և ավագ մեղվի հրամանով միասին թափահարում են թևերը, այդ ձևով ստեղծելով օդի ուժեղ հոսանք։ Գետնի վրա նրանց օգնում են մրջյունները, որոնք շարք են կանգնում և սկսում են ամբողջ ուժով փչել Ախ֊ախի վրա։
 
<poem>
Թռիր հարավային ուժեղ քամի,
Արագ թռիր, եկեք հյուսիսային քամիներ, ―
</poem>
 
երգում են մեղուները։
 
Իսկ մրջյունները միասին ձայնակցում են․
 
<poem>Հավաքվեք աշխարհի քամիներ,
Այս չաղ մարդուն տարեք Հարուստների Կղզին։
</poem>
 
Մեղուները ուժեղ թափահարում են թևերը, իսկ մրջյունները ավելի ուժեղ են փչում․․․
 
Եվ ահա բարձրանում է քամին։ Գնալով ավելի է ուժեղանում, սաստկանում, վերջապես Ախ֊ախին պոկում է գետնից և տանում ուղիղ ամպերի մոտ։
 
Դժվար է ասել, թե քանի ժամ է քամին նրան մի ամպից մյուսը քշում․ օդային տարածությունն անսահման է։ Վերջապես քամին ձանձրանում է այդ չաղ մարդու հետ խաղալուց և նրան շպրտում է օվկիանոսի կենտրոնում եղած ինչ֊որ մի կղզի և իսկույն հանդարտվում է։
 
Դա հենց Հարուստների Կղցին էր։
 
==Գլուխ տասնութերորդ==
 
Հարուստների Կղզին
 
 
Ախ֊ախը սրընթաց մրրիկով բռնված, թռչում է ծովի վրայով և հասցնում է մի կուշտ քնել։ Նույնիսկ ցուրտը չի արթնացնում նրան։ Բայց վերջապես Ախ֊ախն արթնանում է ու հանկարծ տեսնում ներքևում մի փոքրիկ կղզի է ընկած, որը ամբողջապես ծածկված է գույնզգույն, փայլուն քարերով։
 
― Որքա՜ն գեղեցիկ է, ― հիացած բացականչում է Ախ֊ախը։
 
Եվ հենց որ նա արտասանում է այդ բառերը, իսկույն ընկնում է կղզու վրա։ Դժվար չէ կռահել, թե ուր է ընկնում նա։
 
― Ա՛յ ինչ եմ ասել։ Հարուստների Կղզին է։
 
Չորս կողմը, ինչքան որ մարդու աչքը կարող էր տեսնել, շեղջերով թափված են լինում ոսկի ու արծաթ փողեր, կույտերով ալմաստ։ Ոտքերի տակ խշխշում են վառ սուտակները, իսկ այն, ինչ վերևից Ախ֊ախին խոտ էր թվում, պարզվում է, որ զմրուխտի նուրբ կանաչ շերտ է։ Ամեն քայլափոխին նա սայթաքում է ոսկե դեղնավուն գույնի թափանցիկ քարերի վրա, որոնք, ինչպես պարզվում է, խոշոր սաթեր են լինում։
 
Մի քիչ հեռվում, ճիշտ այդպիսի քարերի վրա նստած են լինում լավ հագնված երեք պարոններ։ Իհարկե, այդպես կարող էին հագնված լինել միայն հարուստները։ Նրանցից մեկը մելամաղձոտ դեմքով ծովի մեջ էր շպրտում ոսկի փողերը։ Մյուսը նետում էր երկնքի պես կապույտ շափյուղները ու ականջ դնում ջրի ճողփյունին։ Երրորդը զվարճանում էր ավելի խոշոր բաներով։ Նա ծովափ էր բերել մոտ երկու ցենտներ քաշ ունեցող մալաքիտի մի կտոր և, ծիծաղելով գլորում էր ջրի մեջ։
 
Պարոնները ոչ մի ուշադրություն չեն դարձնում մեկը մյուսի վրա։ Կարծես նրանք չեն էլ նկատում կղզում անծանոթի երևալը, թեև Ախ֊ախի պես հաստ մարդուն չտեսնելը պարզապես անկարելի էր։
 
Ախ֊ախը գնում է առաջ։ Ափին նա տեսնում է մի խումբ հարուստների, որոնք պառկած գլորվում են մարգարիտի կույտի վրա։ Տեսնելով Ախ֊ախին, նրանցից ոչ մեկը նույնիսկ տեղից չի էլ շարժվում։ Մի մասը բարձի փոխարեն գլխի տակ էր դրել ոսկու մի հսկայական կտոր, մյուսները ոտքերով կառչել էին կորալի ճյուղերին։
 
Ախ֊ախը ցնծության մեջ էր։
 
«Ի՜նչ լավ է այստեղ, ― անվերջ կրկնում էր նա։ ― Ա՛յ սա կղզի է։ Ոչ մի համեմատություն մրջյունների աղքատ թագավորության հետ»։
 
Հիշելով ծովափնյա ծանծաղուտի բնակիչներին, որոնցից այնքան լավ էր բաժանվել, Ախ֊ախի տրամադրությունը բարձրանում է։
 
«Ոչնչություննե՜ր։ Նրանք դեռ համարձակվում էին ծիծաղել ինձ վրա։ Մեծ Յասենյայի երկիր․․․ Չկարողացան մի կարգին հյուրասիրել, իսկ հիմա նրանց համար հետազոտիր կղզին ու հայտնիր, թե ինչ կա այստեղ։ Ինչպես՜ չէ։ Վեր կկենան կգան այստեղ ու կզբաղվեն թանկագին իրերի մշակմամբ։ Ես ճանաչում եմ այդ տկլորներին։ Նրանց տեղը չի Հարուստների Կղզին»։
 
Քայլելուց հոգնելով, Ախ֊ախը նստում է ոսկու մի հսկայական կտորի վրա։ Նրա ոտքերի տակ թափված էին զուտ ոսկու կտորներ։ Ախ֊ախի աչքերը սկսում են շաղվել։
 
«Ո՞ւմ են պատկանում այս ոսկին ու արծաթը, այս բոլոր թանկարժեք իրերը», ― նախանձով մտածում է Ախ֊ախը և հանկարծ աչքովն է ընկնում իրենից ոչ այնքան հեռու գտնվող սև նեֆրիտի ժայռը, որի վրա ադամանդով գրված էր չորս փայլուն հիերոգլիֆ․
 
<b>Այս բոլորը պատկանում է քեզ</b>
 
― Այո՛, իհարկե։ Այս բոլորը պատկանում է ինձ։ Սա ի՛մն է, ― ուրախ բացականչում է Ախ֊ախը, զգալով, որ քիչ է մնում երջանկությունից շունչը կտրվի։ ― Ես ոչ մեկին չեմ թողնի այստեղ։ Ոնց չէ՝ մշակմամբ զբաղվել։ Լսո՞ւմ եք։ Ո՛չ մեկին չեմ թողնի։ Սա ի՛մն է։
 
Նա ոտքի է կանգնում և հպարտ հայացքով դիտում է իր կալվածքը։ Մոտենալով հարուստներից մեկին, որը պառկած էր՝ կրծքին թանկարժեք քարեր ու ոսկի լցրած, ձայն է տալիս նրան․
 
― Է՛յ, դու։ Ո՞վ ես։ Ո՞վ է քեզ թույլ տվել, որ գլխիդ տակ դնես իմ ոսկու կտորները։
 
Հարուստը լռում է։ Նա նույնիսկ չի էլ շարժվում։
 
Ուրեմն այս հարուստն այլևս կենդանի չէ՞։
 
Ախ֊ախը փախչում է առանց ետ նայելու։
 
Բայց մինչ նա վազում է, նրա մտքերը ցրվում են և ավելի ճիշտ նոր ընթացք են ստանում։
 
«Նույնիսկ լավ է, որ նրանք մեռել են։ Նրանք չեն կարող ինձնից խլել իմ հարստությունը»։
 
Բայց դեռ կենդանի են այն երեք հարուստները, որոնք նստած էին ծովափին։
 
«Նրանք ջուրն են նետում իմ գանձերը»։
 
Ախ֊ախը գլխապատառ վազում է դեպի ծովափ։
 
― Է՜յ, դուք, ― բղավում է նա, պատրաստ նրանցից յուրաքանչյուրի կոկորդից բռնելու։ ― Ո՞վ է ձեզ թույլ տվել շպրտել այն թանկարժեք քարերը, որոնք ձեզ չեն պատկանում։
 
Նրանք նույնիսկ շուռ չեն գալիս, իսկ մարգարիտները նետողը, անտարբեր ձայնով ասում է․
 
― Ի՜նչ արած։ Տաղտկալի է։
 
― Իսկ դուք գիտե՞ք, թե ում են պատկանում այդ հարստությունները։
 
― Ասա, եթե գիտես, ― նույն անտարբերությամբ պատասխանում է հարուստը։
 
― Դրանք իմն են։
 
― Թող այդպես լինի։ ― Դեպի ջուրն է թռչում էլի մի բուռ մարգարիտ։ ― Թող քոնը լինեն։
 
― Դուք չե՞ք նախանձում ինձ, ― ապշում է Ախ֊ախը։ ― Մի՞թե դուք չեք ուզում այս հարստություններից գոնե մի բան ունենալ։
 
Մելամաղձոտ հարուստը նայում է Ախ֊ախին և սկսում է խոսել, ծուլորեն դանդաղ արտասանելով բառերը․
 
― Դու միայն այսօր ես ընկել այս կղզին, դրա համար էլ ես չեմ զարմանում այդ հարցերից։ Ես էլ, որ նոր էի ընկել այստեղ, բղավում էի, թե այս ամբողջ հարստությունները ինձ են պատկանում։ Ես վախենում էի, որ մի ուրիշն էլ ձեռք կմեկնի դրանց։ Իսկ հիմա ինձ համար միևնույնն է։ Ասում ես քո՞նն են։ Թող քոնը լինեն, հավաքիր բոլորը։ Չեմ ափսոսում։
 
― Օ՜, ինչ առատաձեռն եք, հարգելի պարոն։
 
― Ե՞ս։ Առատաձե՞ռն, ― զարմանում է մելամաղձոտ հարուստը։ ― Երբ ես այստեղ ընկա, ատամներով էի կռվում յուրաքանչյուր մարգարիտի համար։ Այս պարոններից ամեն մեկը բղավում էր․ «Կղզու ամբողջ հարստությունն իմն է»։ Մենք միայն մտածում էինք, ինչպես անենք, որ այստեղ շուտ հիմնենք մեր առևտրական ձեռնարկությունները։ Եվ մենք կհիմնեինք, եթե ամբողջ կղզում որևէ համապատասխան շենք գտնեինք։ Բայց հետո մենք հաշտվեցինք։ Քեզ հետ էլ չենք կռվի։ Ինչ ուզում ես, այն էլ վերցրու, ում ինչ գործն է։
 
― Բայց ինչո՞ւ, ― զարմանում է Ախ֊ախը։
 
Զրուցակիցը դարձյալ անտարբեր հայացքով դիտում է Ախ֊ախին։
 
― Դու այսօր ճաշե՞լ ես։
 
― Ճաշելը չեմ ճաշել, բայց մի կերպ փորս լցրել եմ։ Ճիշտ է՝ առանց հաճույքի շատ անհամ բաներ էին։
 
Հարուստը ուժասպառ թափահարում է գլուխը․
 
― Մի՞թե մինչև հիմա ոչինչ չհասկացար։ Լավ, ես քեզ կասեմ ճշմարտությունը։ Այս կղզին հեքիաթային գանձ է։ Այստեղ և՛ փող կա, և՛ անհամար հարստություն, և՛ կարգին հասարակություն՝ միայն հարուստներ։ Բայց ինչ֊որ բան պակասում է այս կղզում։ Դու նկատեցի՞ր։
 
― Ո՛չ։ Իսկ հատկապես ի՞նչ է պակասում։
 
― Ախր չէ՞ որ այս կղզում չկան նրանք, ովքեր պիտի աշխատեն մեզ համար։
 
― Ինչպե՞ս, ― բացականչում է Ախ֊ախը։ ― Չէ՞ որ մենք փող ունենք։ Մի՞թե դուք չգիտեք, որ փողով կարելի է ցանկացած մարդուն վարձել։
 
― Այս կղզում, հարգելիս, հարուստներից բացի, ուրիշ մարդ չկա։
 
Մի րոպե երկուսն էլ լռում են։ Տանջալից լռությունը խախտում է մելամաղձոտ հարուստը․
 
― Քեզ մոտ գոնե մի քիչ ուտելիք կա՞։
 
― Ոչ։
 
― Ախ, հիմա ինձ ոչինչ պետք չի։ Միայն թե հագեցնեի քաղցս։ Ես նույնիսկ համաձայն եմ մի աման ամենավատ վռիկի։
 
Հարուստը մեկնվում է մարգագետինների վրա ու սկսում է աչքերը կիսաբաց ննջել։ Ախ֊ախն այլևս նրանից ոչ մի բան չի լսում։
 
Ախ֊ախի գլխում ամեն ինչ իրար է խառնվում։ Սիրտը խոր կասկած է ընկնում։ Կղզին նրան անհյուրնկալ ընդունեց։ Մի՞թե այդպես են դիմավորում հարուստներին։
 
․․․Երբ կատաղի մրրիկը Ախ֊ախին իջեցրեց Հարուստների Կղզին, նա կուշտ էր։ Սկզբում նա քաղց չէր զգում, նրան միայն ծարավն էր տանջում։ Նա անընդհատ խմել էր ուզում։ Ախ֊ախը հիշում է, ինչ֊որ մարդիկ կան, որոնք կարողանում են ջրհոր փորել և հողից ջուր ստանալ։ Բայց այս կղզում այդպիսի մարդիկ չկային։
 
Ախ֊ախը մի ուրիշ բան էլ է հիշում․ կան մարդիկ, որոնք ոչ միայն ջրհորներ են փորում, այլև ոռոգման ջրանցքներ են անցկացնում և, որոնք նույնիսկ ջրմուղներ կարող են կառուցել։ Կարծես թե այդ մարդիկ կոչվում են բանվորներ։
 
Իսկ ինչո՞ւ այդ բանվորներից չկան կղզում։ Ո՞վ պիտի ջուր տա իրեն, կերցնի, հագցնի։
 
Նա դարձյալ նայում է ծովափին, որտեղ նստած էին թանկարժեք քարերը ջուրը նետող հարուստները։ Նրանց արդեն ձանձրացրել էր այդ զվարճալի զբաղմունքը։ Նրանք պառկել էին անշարժ՝ մեկը ոսկու վրա, մյուսը մարգարիտի և լուռ նայում էին երկնքին։
 
― Ախ, ― հառաչում է Ախ֊ախը։ ― Գոնե մի փոքրիկ բաժակ ջուր լիներ։ Մի փոքրիկ բաժակ։ Կվճարեմ, ինչքան ուզեն։
 
Սակայն շուտով Ախ֊ախը մոռանում է ջրի մասին։ Մոռանում է միայն այն պատճառով, որ քաղցի զգացումը հաղթում է նույնիսկ ծարավին։
 
Եվ, բացի այդ, ամբողջ կղզում ոչ մի կացարան, նույնիսկ քարանձավ չկար, որտեղ հնարավոր լիներ թաքնվել շոգից։ Ամայի, անբնակ, անմշակ կղզին ցցվել էր ծովի մեջտեղում, չորս կողմը բաց երկինքն էր, կիզիչ արևը, քամին ու տեղատարափ անձրևը։ Գոնե որևէ մեկը այստեղ մի բազմոց գներ։ Ախ, գոնե մի հարմար բան լիներ, որ մարդ վրան նստեր ու մի ժամ ննջեր։ Հապա մի փորձիր քնել կոշտ ու սառը ոսկու վրա․․․
 
Այսպես անցնում է Ախ֊ախի առաջին օրը Հարուստների Կղզում։
 
․․․ Երրորդ օրը քաղցից մահանում են այն պարոնները, որոնք զվարճանում էին փողերը ծովի հատակը նետելով։ Ախ֊ախը մնում է մենակ։
 
― Ա՜խ։ Ինչքա՜ն գանձ կա այստեղ, և այդ բոլորը իմն են, դրանք ինձ են պատկանում․․․ ― Ուժասպառ կրկնում է Ախ֊ախը, թափառող հայացքով զննելով շուրջը։
 
Նա փորձում է սողալ դեպի ոսկու կտորները, որոնց մոտ բարձրանում է նեֆրիտի ժայռը՝ ադամանդե հիերոգլիֆներով․ «Այս բոլորը պատկանում է քեզ», բայց ուժերը դավաճանում են նրան․․․
 
Առաջվա պես արևի տակ շլացուցիչ փայլփլում են անհամար հարստությունները։ Ալիքները մերթ կամաց հեռանում էին զմրուխտե ափերից՝ հեռուները տանելով սպիտակ փրփուրները, մերթ աղմուկով զարկվում սաթի ժայռերին ու ցրում մարգարտանման բյուր շիթեր։
 
 
==Գլուխ տասնիներորդ==
 
Նոր լուր Ցյաո֊ցյաոյի և Լին Փոքրի մասին
 
 
Իսկ ինչպե՞ս են Ցյաո֊ցյաոն և Լին Փոքրը։ Որտե՞ղ են հիմա նրանք։ Ցյաո֊ցյաոն և Լին Փոքրը առաջվա նման շոգեքարշ են քշում։ Մի անգամ կիրակի օրը մի գրող, որը շատ էր սիրում երեխաներին հեքիաթներ պատմել, որոշում է այցելել նրանց։ Դեպոյում նրան դիմավորում են որպես հին ծանոթի։
 
― Դուք Ցյաո֊ցյաոյին ու Լին Փոքրին եք ուզո՞ւմ։ Նրանք գրադարանում են։ Գիրք են կարդում։
 
Գրողը գնում է գրադարան։ Լին Փոքրն ու Ցյաո֊ցյաոն նստել էին պատուհանի մոտ և հեքիաթ էին կարդում։
 
― Ցյաո֊ցյաո։ Սյաո Լին, բարև ձեզ, ― ուրախանում է բարի հեքիաթասածը։
 
Բայց գրադարանավարուհին նրան սպառնում է մատով․ «Սղմկելն արգելվում է», ― և գրողը կծում է լեզուն։ Շշուկով նա իր մոտ է կանչում Ցայո֊ցյաոյին և Լին Փոքրին․
 
― Որտե՞ղ է թագավորը։ Ի՞նչ պատահեց նրան։
 
― Սը՜ս, ― ընդհատում է նրան Լին Փոքրը։ ― Քեզ միայն թագավորներն են հետաքրքրում․․․ Դե լավ, կասեմ։ Եղել է չի եղել մի թագավոր․․․
 
Գրողը թունդ կարմրում է․
 
― Քեզ ո՞վ ասաց, որ ինձ միայն թագավորներն են հետաքրքրում։ Ինձ դու ես հետաքրքրում, Սյաո Լին, ինձ հետաքրքրում է Ցյաո֊ցյաոն։ Հիշո՞ւմ եք այն օրը, երբ դուք հրաժարվեցիք վարել Ախ֊ախի գնացքը և ձեր շոգեքարշով գնացիք դեպո։ Հետո ի՞նչ պատահեց ձեզ։
 
― Ախ, հետո՞․․․ Հետո բոլորովին ուրիշ պատմություն եղավ։
 
― Դու կարող ես դրա մասին գիրք գրել։ ― Ցյաո֊ցյաոն խորամանկ նայում է Լին Փոքրին։
 
― Շուտ արեք, պատմեք։ Ես շատ եմ ուզում լսել այդ պատմությունը։
 
― Այստեղ պատմել չի կարելի։ Մենք խանգարում ենք երեխաներին։
 
Բարի հեքիաթասացը ստիպված լռում է։ Իսկ Ցյաո֊ցյաոն և Լին Փոքրը այնպես էին հափշտակված իրենց կարդացած գրքով, որ բոլորովին չէին ուզում հեռանալ գրադարանից։
 
Գրողը նստում է հարևան սեղանի մոտ։ Նա որոշում է սպասել, մինչև երեխաները վերջացնեն հեքիաթը։ Սպասում է, սպասում, բայց հետո նա անգործությունից ձանձրանում է և կամաց դուրս գալով դահլիճից՝ վերադառնում է դեպո։ Այստեղ նա շուտով գտնում է մի ծեր բանվորի, որի հետ վաղուց ծանոթ է լինում։
 
― Քեռի Չժուն֊մայ, ողջույն։ Խնդրում եմ պատմես, թե ինչ պատահեց Ցյաո֊ցյաոյին և Լին Փոքրին, երբ նրանք հրաժարվեցին վարել Ախ֊ախի գնացքը։
 
Եվ քեռի Չժան֊մայը գրողին պատմում է մի ամբողջ պատմություն։ Նա մանրամասն պատմում է, թե ինչպես է գահ բարձրանում կարմրաքիթ թագաժառանգը, որն ազատվել էր թագավորի անսպասելի֊հեքիաթային մահից հետո, և ինչպես նոր թագավորը Ցյաո֊ցյաոյին և Լին Փոքրին բանտ էր նստեցրել․․․
 
― Ի՞նչ։ Նրանց բանտ են նստեցրե՞լ․․․
 
Այո, գրողը սխալ չի լսում։ Քեռի Չժուն֊մայը իր աչքերով է տեսել, թե ինչպես էր այդ բոլորը կատարվել։
 
― Բայց ինչո՞ւ էր այդ նոր թագավորը բանտարկում Ցյաո֊ցյաոյին և Լին Փոքրին։ Նրանք ի՞նչ վատ բան էին արել։
 
― Պետական մինիստր Բաբաոն պաշտոնական հաղորդման մեջ այսպես էր բացատրել ձերբակալման պատճառը․ «Նորին մեծություն հին թագավորը և նորին մեծության արքայադուստր Ալ Վարդը սուզվել էին ջրի տակ, իսկ երիտասարդ պարոն Ախ֊ախը անհետ կորել է։ Այդ բոլորի համար մեղավոր են Սյաո Լինը և Ցյաո֊ցյաոն։ Եթե Սյաո Լինը և Ցյաո֊ցյաոն ենթարկվեին հրամանին և հատուկ նշանակման գնացքը հասցնեին նշանակված տեղը, ոչինչ չէր պատահի․․․»։
 
― Բայց չէ՞ որ նրանց հետ միասին ձերբակալված էին ուրիշ շատ բանվորներ։
 
― «Նրանք բոլորը համաձայն են եղել Սյաո Լինի հետ, ― պատասխանեց մեզ կայարանապետը։ ― Այդ աղմկարարները նույնպես չէին ուզում հատուկ նշանակման գնացքը տանել նշանակված տեղը։ Պա՞րզ է»։ Բայց դու ինձ մի ընդհատիր։ Լսիր, թե ինչ է եղել հետո։
 
Լին Փոքրի ու Ցյաո֊ցյաոյի դատավարության ընթացքում որպես գլխավոր վկա է հանդես գալիս Ծովախորշերի քաղաքի քաղաքագլուխ պարոն Պիպինը։ Նա երդվելուց հետո ասում է, որ ինքը չի տեսել, թե ինչպես են հին թագավորն ու արքայադուստր Ալ Վարդը փրկվել։ Եթե չեն փրկվել, ուրեմն խեղդվել են ծովում։ Միաժամանակ նա իր սեփական աչքերով տեսել է, որ երիտասարդ պարոն Ախ֊ախը այդպես էլ ջրից դուրս չի եկել, երբ հատուկ նշանակման գնացքը գնացել է դեպի հատակը։ Ուրեմն, պարոն Ախ֊ախը անհետ կորել է։
 
Այս ցուցմունքների ճշմարտացիությունը ոչ ոք չի ժխտում։
 
Որպես վկա հանդես է գալիս նաև Կվիսը՝ Ախ֊ախի գլխավոր հաշվետարը։ Երդվելով, որ միայն ճիշտ պիտի խոսի, նա ցույց է տալիս, որ պարոն Բաբախը մահացել է ու թաղվել, իսկ երիտասարդ պարոն Ախ֊ախը իսկապես մեկնել է հատուկ նշանակման գնացքով Ծովախորշերի քաղաքի կողմերը, իսկ հակառակ ուղղությամբ նա չի վերադարձել, տուն նույնպես չի եկել, ուրեմն կորել է, հայտնի չէ, թե ուր։
 
Որպես վկաներ էին հրավիրվել Պիպն ու Քույրիկ Էյույը։ Նրանք հաստատում են, որ Լին Փոքրը իրենց հայտնի է դեռևս փոքր հասակից, նա երբեք չի հարգել թագավորական օրենքը։
 
Դատավարությանը ներկա էր նաև մի ուրիշ վկա, որի դեմքը ամբողջապես ծածկված էր կանաչ մորուքով։ Նա երդվում էր, որ իրեն Չորսանգամ Չորս Երրորդ են կոչում և որ ինքը միայն ճիշտը պիտի խոսի։ Նրա ցուցմունքներից ներկաներն իմանում են, որ «Չան Չան֊թեց» ֆիրմայում աշխատող աղջիկներն ու տղաներն էին սպանել պարոն Չորսանգամ Չորս Առաջինին ու պարոն Չորսանգամ Չորս Երկրորդին։
 
Հրեշը, որ նստել էր դատարանի շենքի առաջ եղած հրապարակում (նա ոչ մի դռնից ներս մտնել չի կարող), պատուհանից բղավում էր իր ցուցմունքները։ Նա հայտնում էր, որ Ցյաո֊ցյաոն և Լին Փոքրը ծրագրել էին պետական հեղաշրջում կատարել և թագավորին տապալել։
 
«Սյաո Լինը և Ցայո֊ցյաոն ամենափոքր հասակից էլ վայրի ու անդաստիարակ են եղել, ― հայտարարում է Պիպը, որը դատախազի պահանջով հանդես է գալիս երկրորդ անգամ, երբ պարզվում է մեղադրյալների հանցագործ ծրագիրը։ ― Օրինակ, Սյաո Լինը, ինչպես հաստատվեց քննության ընթացքում, ոչ տուն ունի, ոչ տեղ և գերադասում է քնել հենց ճանապարհի վրա, որտեղ նրան գտնում է ազնիվ ու շատ կարգին մի պաշտոնյա, որի անունը Պիպը խնդրում է գաղտնի մնա։ Կարեկցանք զգալով այդ թշվառի նկատմամբ, պաշտոնյան նրան աշխատանքի է տեղավորում «Չան Չան֊թեց» ֆիրմայում։ Սյաո Լինը և Ցյաո֊ցյաոն չունեն ո՛չ ընտանիք և ո՛չ էլ հարազատներ։ Նրանք իրենց հոգեհայր են համարում ինչ֊որ Չժան֊մայի, մի ողորմելի աղքատի, որը սրանց նման չի հարգում օրենքները և անպայման հանցագործ է։ Դժբախտաբար դատարանը հնարավոր չի համարում նրան որպես վկա կանչել և հարցաքննել, քանի հիշյալ Չժուն֊մայը նույնիսկ երդման տակ ի վիճակի է ասել միայն զուտ ճշմարտությունը»։
 
Վկաներին հարցաքննելուց ու դատախազի ճառից հետո դատավորները գնում են խորհրդակցության։ Ի՞նչ դատավճիռ կայացնել Ցյաո֊ցյաոյի և Լին Փոքրի համար։ Խորհրդակցությունն անցնում է փոթորկալից և շատ է հիշեցնում շների գզվրտոցի, որը տեղի է ունենում մի կտոր ոսկորի համար։
 
― Բայց միթե մենք կարող ենք թույլ տալ, որ նրանք դատեն մեր ընկերներին, ― զայրացած բղավում է քեռի Չժան֊մայը ու նայում գրողին, որի շունչը հուզմունքից քիչ էր մնում կտրվի։ ― Իհարկե, ոչ։ Մենք բոլորս մի մարդու նման ոտքի ելանք և ասացինք, որ թույլ չենք տա դատել նրանց։ Ազատությո՛ւն Յյաո֊ցյաոյին և Սյաո Լինին։ Ազատությո՛ւն բոլոր բանվորներին, որոնց ձերբակալել են ոստիկանները։
 
Գործադուլ են հայտարարում երկրի բոլոր երկաթուղայինները։ Ամեն կողմից լուրեր են գալիս, որ բանվորները թագավորից պահանջում են անհապաղ ազատություն ձերբակալվածներին։
 
«Ազատություն և ոչ մի խոսք»։
 
Աղմկում են ծավափնյա գյուղերի գյուղացիները, որտեղ Լին Փոքրը պետք է տաներ մթերքը։
 
«Ձերբակալված է շոգեքարշի մեքենավարը։ Նրան դատում են այն բանի համար, որ նա ուզեցել է սովից ու մահից փրկել մեզ, ― բերնե բերան անցնում է այս տագնապալի լուրը։ ― Բան դուրս չի գա։ Մեզ չեք կարող խաբել»։
 
Ծովափում տիրող խռովության մասին իմանում են նաև մյուս գյուղերի գյուղացիները։
 
«Չենք թույլ տա, որ լավ մարդիկ կործանվեն, ― հայտարարում են նրանք։ ― Պահանջում են անմիջապես ազատել նրանց բանտից»։
 
Շատ ուսուցիչներ, գրողներ ու նկարիչներ, դերասաններ ու գիտնականներ նույնպես իրենց ձայնն են բարձրացնում արդարությունը պաշտպանելու համար։
 
«Ազատություն Ցյաո֊ցյաոյին, Սյաո Լինին և երկաթգծի բոլոր ձերբակալված բանվորներին։ Դադարեցնե՛լ հանցագործ դատական պրոցեսը»։
 
Հեռագրատունը չի հասցնում ընդունել այն բազմաթիվ բողոքները, որոնք անընդհատ գալիս էին արտասահմանից թագավորի հասցեով։ Այդ հեռագրերը հակիրճ էին․
 
 
:::Չլսված խայտառակություն է ձերբակալել
 
:::ազնիվ, անմեղ մարդկանց բցկ նշան ամբողջ
 
:::աշխարհը պահանջում է անհապաղ ազատություն
 
:::տալ ձերբակալված բոլոր բանվորներին
 
։։։։։վջկտ
 
Վախից թագավորն ու պետական մինիստր Բաբաոն փակվում են թագավորական պալատի ամենավերջին սենյակում։
 
«Ի՞նչ անենք»։
 
«Ես էլ եմ հարցնում․ ի՞նչ անենք»։
 
Որոշվում է հետաձգել գործի քննումը և դրան անդրադառնալ այն ժամանակ, երբ հուզումները մի քիչ կմեղմանան։ Բայց հիմա այնքան էլ հեշտ չէր մարդկանց սրտերում մարել զայրույթը։ Եվ Պետական մինիստր Բաբաոյին ոչինչ չէր մնում անելու, քան հրաման տալ ձերբակալվածներին բանտից ազատել։
 
«Տեսա՞ք այդ աղմկարարներին, ― վախից դողալով, վնգստում է Պիպը, սեղմվելով Պետական մինիստր Բաբաոյին։ ― Նրանք մեզ չեն թողնի ապրել, չեն թողնի»։
 
Հոգոց է հանում և Չորսանգամ Չորսը Երրորդը։
 
«Այո։ Շուտով նրանք մեզ բոլորիս կվռնդեն։ Ես այլևս տեր չեմ լինի»։
 
Եվ բոլորը սարսափը սրտներում՝ լռում են։
 
Իսկ փողոցում ամբոխը ցնծությամբ է դիմավորում ազատություն ստացած Լին Փոքրին, Ցյաո֊ցյաոյին ու նրանց ընկերներին։
 
Ահա թե ինչպիսի պատմություն պատմեց գրողին նրա բարի ծանոթը՝ հին երկաթուղային բանվոր քեռի Չժուն֊մայը։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
----
<references/>