«Լրացումներ իմ «Վերադարձ ԽՍՀՄ֊ից» գործին»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
 
Տող 5. Տող 5.
 
|աղբյուր = [[«Հովվերգական սիմֆոնիա»]]
 
|աղբյուր = [[«Հովվերգական սիմֆոնիա»]]
 
}}
 
}}
[[Category: Արձակ]]
+
[[Կատեգորիա:Ոչ գեղարվեստական]]
 +
[[Կատեգորիա:Արձակ]]
  
 
''Լրացումներ իմ «Վերադարձ ԽՍՀՄ֊ից գործին (հունիս 1937)''
 
''Լրացումներ իմ «Վերադարձ ԽՍՀՄ֊ից գործին (հունիս 1937)''

Ընթացիկ տարբերակը 21:29, 3 Ապրիլի 2016-ի դրությամբ

Լրացումներ իմ «Վերադարձ ԽՍՀՄ֊ից» գործին

հեղինակ՝ Անդրե Ժիդ
թարգմանիչ՝ Նազիկ Համբարյան (ֆրանսերենից)
աղբյուր՝ «Հովվերգական սիմֆոնիա»

Լրացումներ իմ «Վերադարձ ԽՍՀՄ֊ից գործին (հունիս 1937)

I

Իմ «Վերադարձ ԽՍՀՄ֊ից»֊ի հրապարակումից հետո գլխիս վիրավորանքների հեղեղ տեղաց։ Ինձ հատկապես մեծ ցավ պատճառեց այն, որ վիրավորողների մեջ էր Ռոմեն Ռոլանը։ Ես շատ ծանոթ չեմ նրա գրվածքներին, բայց միշտ մեծ հարգանք եմ ունեցել նրա բարոյական անհատականության հանդեպ։ Հենց այդ պատճառով էլ ինձ մեծ վիշտ պատճառեց նրա վարմունքը․ որքա՜ն սակավ են նրանք, ովքեր հասնում են ծերության՝ առանց ցույց տալու իրենց մեծության ծայրահեղ կողմերը։ Կարծում եմ, որ «Բախումներից վեր»֊ի հեղինակը խիստ կդատեր ծերացած Ռոլանին։ Այդ արծիվն արդեն հյուսել է իր բույնը եւ հիմա հանգչում է այնտեղ։

Հայհոյողների մեջ եղան եւ մի քանի բարեհաճ քննադատներ։ Այս գիրքը գրում եմ ի պատասխան նրանց։

Նրանցից մեկը՝ Պոլ Նիզանը, շատ խելացի մի անձնավորություն, ինձ յուրահատուկ նկատողություն արեց․ «ԽՍՀՄ֊ը ներկայացրել է որպես քարացած մի երկիր, որտեղ այլեւս ոչինչ չի փոխվում»։ Չգիտեմ, թե որտեղ է նման բան տեսել։ Ճիշտ է, ես ասել եմ, որ ԽՍՀՄ֊ը փոխվում է ամսեամիս։ Եվ հենց դա է ինձ վախեցնում։ Ամսեամիս փոխվում է Խորհրդային պետությունը, գնում է դեպի վատը։ Ավելի ու ավելի է հեռանում այն պատկերացումներից, որ մենք ունեինք նրա ներկայի ու ապագայի վերաբերյալ։

  • * *


Անտարակույս ես հիանում եմ ձեր հաստատուն վստահությամբ եւ ձեր սիրով (ասում եմ առանց հեգնանքի), բայց, այնուհանդերձ, խոստովանեք, ընկերներ, որ սկսում եք անհանգստանալ։ Դուք շարունակ մեծացող տագնապով (օրինակ, մոսկովյան դատավարություններից հետո) մտածում եք, թե մինչեւ երբ հարկ կլինի լռել ու հավանություն տալ։ Վաղ թե ուշ ձեր աչքերը կբացվեն, ստիպված կլինեն բացվել։ Այդ ժամանակ դուք՝ ազնիվներդ, հարց կտաք ինքներդ ձեզ, թե ինչպես եք կարողացել այդքան երկար փակ պահել[1]։

Ասենք ազնիվներից առավել քաջատեղյակ անձինք չեն էլ վիճարկում իմ հավաստիացումները։ Նրանք բավարարվում են բացատրություններ փնտրելով եւ տալով։ Այո, բացատրություններ, որոնք միաժամանակ լինեն ողբալի իրադրության արդարացումները։ Քանզի նրանց համար խնդիրը միայն այն չէ, որ ցույց տան, թե ինչպես են հասել այդ իրավիճակին, (ինչը, ըստ էության, հեշտությամբ հասկանալի է), այլ, որ ապացուցեն, թե ճիշտ է եղել դրան հասնելը կամ գոնե նրա միջով անցնելը՝ սկզբում, իհարկե, ավելի լավ ժամանակների սպասումով։ Նաեւ ապացուցեն, որ այն ճանապարհը, որով ընթանում են նրանք՝ երես թեքելով սոցիալիզմից եւ Հոկտեմբերյան հեղափոխությունից, այնուամենայնիվ տանում է դեպի կոմունիզմ, որ այլ ճանապարհ չկա, եւ որ այդ ես եմ, որ ոչինչ չեմ հասկանում։

  • * *


Մակերեսային քննությունն, հապճեպ դատողություն՝ ասել են իմ գործի մասին։ Կարծես հենց առաջին հայացքից չէր, որ ԽՍՀՄ֊ը թովում էր մեզ եւ միայն ավելի խոր թափանցելով չէր, որ տեսանելի էր դառնում նրա մեջ եղած ողջ վատթարագույնը։ Որդը միշտ մրգի խորքերում է թաքնվում։ Բայց երբ ձեզ ասացի, որ այդ խնձորը որդնած է, դուք ինձ մեղադրեցիք պարզ չտեսնելու կամ խնձորներ չսիրելու մեջ։

Եթե ես բավարարվեի միայն հիանալով, դուք ինձ չէիք հանդիմանի մակերեսայնության մեջ, եւ սակայն, հենց այդ դեպքում դրան արժանի կլինեի։

  • * *


Ինձ ծանոթ են ձեր քննադատությունները։ Համարյա նույն խոսակցությունն էր ծավալվել իմ «Ճանապարհորդություն Կոնգոյում» եւ «Վերադարձ Չադից» գրքերի շուրջ։ Այն ժամանակ ինձ առարկում էին, որ․

1. Չարաշահումները, որոնց մասին խոսում էի, եզակի ու անհետեւանք դեպքեր են (քանզի չէին կարող ամբողջությամբ ժխտել)։

2. Արդի պետությամբ հիանալու համար բավական էր այն համեմատել նախորդի՝ նվաճումից առաջ եղածի հետ (ուզում էի ասել հեղափոխությունից առաջ)։

3. Այն ամենը, ինչ ես ողբալի էի համարում, ուներ խոր պատճառներ, մի բան, որն անընդունակ էի եղել հասկանալ․ ժամանակավոր չարիք՝ առավել մեծ բարիքի սպասումով։

Այն ժամանակ բոլոր քննադատությունները, հարձակումներն ու վիրավորանքները գալիս էին աջերից, իսկ դուք՝ ձախերդ, բոլորովին չէիք հոգում որեւէ նշանակություն տալ իմ բացահայտ «անիրավասությանը», դուք չափազանց երջանիկ էիք, որպեսզի անմիջապես կառչեիք իմ հայտարարություններից, քանզի դրանք ձեռնտու էին ձեզ եւ օգտակար։ Եվ ճիշտ նույն կերպ այսօր եւս ինձ չէիք հանդիմանի իմ «անիրավասության» համար, եթե միայն գովաբանեի ԽՍՀՄ֊ը եւ հայտարարեի, որ այնտեղ ամեն ինչ հրաշալի է։

Դա չխանգարեց (եւ ինձ համար միայն դա է կարեւոր), որ Կոնգոյի հետախուզական ծառայություններն հետագայում հաստատեին այն ամենը, ինչ ես ասել էի։ Նույն կերպ եւ այն անթիվ վկայությունները, որ հասնում են ինձ՝ զեկույցներ, անկողմնակալ դիտորդների հաղորդագրություններ (որքան էլ, որ նրանք «ԽՍՀՄ֊ի մեծ բարեկամներ» լինեին կամ եղած լինեին այնտեղ այցելելուց առաջ) գալիս էին հաստատելու ԽՍՀՄ֊ի ներկա դրության վերաբերյալ իմ հավաստիացումները եւ ավելի ուժեղացնելու իմ մտավախությունները։

  • * *


«Ճանապարհորդություն Կոնգոյում»֊ի մեծագույն թերությունն ու խոցելի կողմն այն էր, որ ես չէի կարող բացեիբաց նշել իմ ցուցմունքների աղբյուրները եւ, այդպիսով, ինձ հանդիմանողներին տալ նրանց անունները, ովքեր, վստահելով իմ զսպվածությանը, խոսել էին, կամ հնարավորություն էին տվել ծանոթանալ այնպիսի փաստաթղթերի, որոնք սովորաբար գերադասում են ցույց չտալ եւ որոնք ես իրավունք չունեի բացահայտել։

II

Ինձ մեղադրել են, որ ես չափազանց փոքր հիմքերից հսկայական դատողություններ եմ բխեցրել, չհիմնավորված հավաստիացումներ եւ հապճեպ եզրակացություններ արել։ Այն փաստերը, որ ես մեջ էի բերում, եւ որոնք արձանագրել էի, գուցե եւ ճշգրիտ էին բայց եզակի դեպքեր էին եւ ոչինչ չէին ապացուցում։

Իմ դիտարկումներից ես հրապարակել եմ միայն ամենատիպականները (ավելի ուշ կներկայացնեմ մի քանիսը)։ Ես կարծում էի, որ անօգուտ էր գիրքը զեկույցներով, թվերով ու վիճակագրությամբ ծանրաբեռնելը․ նախ, որովհետեւ ինձ համար կանոն էի մշակել՝ երբեք չօգտվել որեւէ տեղեկությունից, եթե ինքս անձամբ չէի տեսել կամ լսել, հետո, որովհետեւ շատ չեմ վստահում պաշտոնական թվերին, եւ հատկապես որովհետեւ այդ թվերից ու «ցուցմունքներից» (որ ես, ի դեպ, ուսումնասիրել եմ), կարելի էր գտնել եւ այլուր։ Բայց քանի որ ինձ խնդրում են, կտամ մի քանի ճշգրիտ տեղեկություններ։

Ֆերնան Գրենիեն, Ժան Պոնսը եւ պրոֆեսոր Ալեսանդրին միասին ճանապարհորդում էին կարծեմ հարյուր հիսունինը ուղեկիցներով, որոնք բոլորն էլ իրենց նման «ԽՍՀՄ֊ի բարեկամներն» էին։ Զարմանալի չէ, որ այդ երեք մեղադրողների վկայությունները (մեղադրյալը ես եմ) ընդհանրություններ ունեն։ Այն թվերը, որ նրանք բերում էին իմ սխալն ապացուցելու համար, նույնն են․ թվեր, որ նրանց տրամադրել են, եւ որ նրանք ընդունել են առանց վերստուգման։

Կաշխատեմ բացատրել, թե որքան վատ են նրանք գլուխ հանում այն թվերից, որ տալիս են նրանց այլ վկաներ՝ անկասկած ավելի քաջատեղյակ, քանզի երկար աշխատել են ԽՍՀՄ֊ում եւ ժամանակ են ունեցել թափանցել «տակի ոլորտները», մինչդեպ այդ հարյուր վաթսուներկու ուղեւորներն ընդամենն անցել են այնտեղով։ Նրանց ճանապարհորդությունը տեւել է քսան օր, որից միայն տասնչորսը՝ Ռուսաստանում, օգոստոսի 14֊ից 28֊ը։ Այդ կարճ ժամանակամիջոցում նրանք հասցրել են շատ բան տեսնել․ բայց միայն այն, ինչ նրանց ցույց են տվել։ Նրանցից (նկատի ունեմ իմ երեք մեղադրողներին) ոչ մեկը ռուսերեն չգիտեր։ Հուսով եմ, նրանք ինձ թույլ կտան իմ հերթին մակերեսային համարել նրանց հայտարարությունները։ Ինչպես արդեն ասել եմ, քանի դեռ A. E. F.֊ում ճանապարհորդում էի «ուղեկիցների» հետ, ամեն ինչ հրաշալի էր թվում։ Իրականությունը ես հայտնաբերեցի միայն այն ժամանակ, երբ թողեցի ղեկավարների մեքենան եւ որոշեցի միայնակ շրջել երկրում, ոտքով, որպեսզի կարողանամ այդ վեց ամիսների ընթացքում ուղղակի հաղորդակցության մեջ մտնել տեղացիների հետ։

Օ՜հ, Աստված վկա, ես էլ եմ ԽՍՀՄ֊ում տեսել այդ մոդել֊գործարանները, ակումբները, դպրոցները, կուլտուրայի այգիները, մանկապարտեզները, ինձ էլ են հիացրել դրանք, եւ այնուամենայնիվ, ի տարբերություն Գրենիեի, Պոնսի ու Ալեսանդրիի, ես ուզում էի, որ ինձ գայթակղեն, որպեսզի իմ հերթին գայթակղեի ուրիշներին։ Եվ քանի որ գայթակղելն ու գայթակղվելը հույժ հաճելի բան են, կկամենայի, որ նշված պարոնայք համոզվեն, թե այդ գայթակղությանը հակառակվելու համար պետք է որ շատ անառարկելի պատճառներ ունենայի։ Եվ որ ես դա չեմ անում «մակերեսայնորեն», ինչպես ասում են նրանք։


  • * *


Ժան Պոնսի բարեխղճությունը պատկառելի է, եւ հուզիչ է նրա դյուրահավատությունը[2], ինչպես ամեն բան, ինչ ասում են նրան, ինչպես ես էի անում մի ժամանակ, առանց քննության, քննադատության եւ կասկածի։ Ի հակադրություն այն թվերի, որ տալիս է նա (կամ Ալեսանդրին ու Գրենիեն), օրինակ, մի գործարանի արտադրողականության վերաբերյալ եւ որոնք ես տարօրինակ եմ համարում, այդ ընկերների դիտարկմանն եմ առաջարկում 1936֊ի նոյեմբերի 12֊ի «Պրավդայից» քաղված մի քանի խոստովանություններ։

«Երկրորդ եռամսյակի ընթացքում Յարոսլավլի գործարանի արտադրած ավտոմոբիլային պահեստամասերի լիարժեք քանակության մեջ արձանագրվել է 4000 խոտան, իսկ երրորդ եռամսյակի ընթացքում՝ 27270 խոտան (եւ վիճակագրությունը հպարտությամբ հրապարակում է միայն այդ թվերը)»։

Դեկտեմբերի 14֊ի համարում «Պրավդան», խոսելով որոշ գործարանների կողմից մատակարարվող պողպատի մասին, ասում է․ «Եթե փետրվար֊մարտ ամիսներին արտադրվում էր 4.6% մետաղ, ապա սեպտեմբեր֊հոկտեմբեր ամիսներին նրա արտադրությունը հասել է 16.20%֊ի»։

Դա «սաբոտաժ» է, կասեն ոմանք։ Վերջին մեծ դատավարությունները կարծես գալիս են ապացուցելու դրանց ճշմարտությունը (փոխադարձաբար)։ Սակայն այդ արտադրական թափոնների մեջ նրանք տեսնում են արտադրողականության բացառիկ եւ արհեստական բարձրացման առհավատչյան։

Ծրագրերը հիրավի հրաշալի են, բայց թվում է, թե մշակույթի զարգացման ներկայիս աստիճանում արտադրողականության մակարդակը կարող է բարձրացվել միայն հսկայական ծախսերի գնով։

Իժեւսկի գործարանի արտադրական թափոնը ապրիլից մայիս ընկած ժամանակահատվածում կազմել է 416 հազար ռուբլի, բայց միայն նոյեմբեր ամսին այն հասել է արդեն 176 ռուբլու։

Ավտոմոբիլային եւ տրանսպորտային պատահարների հաճախակիությունը գալիս է վարորդների գերհոգնածությունից, բայց նաեւ մեքենաների անորակությունից։ 1936 թվականին ստուգված 9992 մեքենաներից 1985֊ը ունեցել են որակական թերություններ։ Տրանսպորտային մի բաժանմունքում 24 մեքենայից 23֊ը հնարավոր չի եղել ճանապարհ դուրս բերել, մեկ այլ բաժանմունքում՝ 52֊ից 44֊ը։ («Պրավդա», 1936 թ․, օգոստոսի 8)։

Նոգինսկի գործարանը պետք է թողարկեր 1935 թվականի ծրագրով նախատեսված 50 միլիոնի պատեֆոնային ձայնապնակների մեծ մասը, այսինքն՝ մոտ 4 միլիոն օրինակ, բայց կարողացավ թողարկել միայն 1992 հազարը։ Իսկ խոտանված ձայնապնակների թիվը կազմում էր 309000 (այդ տեղեկությունները մենք քաղել ենք 1936 թ֊ի նոյեմբերի 18֊ի «Պրավդայից)։ 1936 թ․ առաջին եռամսյակին արտադրությունը կազմել է նախատեսվածի միայն 49,8%֊ը, երկրորդ եռամսյակին՝ 32,8%֊ը եւ միայն 26%֊ը՝ երրորդ եռամսյակին։ Եթե արտադրությունը աստիճանական անկում է ապրում, ապա թերությունների թիվը գնալով աճում է․

I եռամսյակ .......... 156.200 խոտան ապրանք
II եռամսյակ ......... 259.400 խոտան ապրանք
III եռամսյակ ........ 614.000 խոտան ապրանք


Ինչ վերաբերում է չորրորդ եռամսյակին, ապա դեռ վերջնական արդյունքները չեն ստացվել, բայց արդեն իսկ կարելի է սպասել վատթարագույնին, քանզի միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում արտադրված ապրանքների մեջ արձանագրվել է 607600 խոտան։ Եվ դրանից հետո ինքներդ դատեք, թե ինչքան կարող է կազմել յուրաքանչյուր քիչ թե շատ ընդունելի ապրանքի «ինքնարժեքը»։

«Աշխատանքի հերոս» ֆաբրիկայի Մոսկվայի դպրոցականներին մատակարարած 2 միլիոն տետրերի 99%֊ը գործածության համար պիտանի չեն («Իզվեստիա», 1936 թ․, նոյեմբերի 4)։

Ռոստովում ստիպված են եղել դեն նետել 8 միլիոն տետր («Պրավդա», 1936 թ․, դեկտեմբերի 12)։

Կոոպերատիվ հիմունքներով գործող մի կահույքագործական արտելի վաճառած 150 աթոռներից 46֊ը կոտրվում են, հենց որ ուզում ես նստել նրանց վրա։ Վաճառքի հանված 2345 աթոռներից 1300֊ը գործածության համար պիտանի չեն («Պրավդա», 1936 թ․, սեպտեմբերի 23)։ Նույն կարգի թերություններ ունեն նաեւ վիրաբուժական գործիքները։ Պրոֆեսոր Բուրդենկոն՝ ԽՍՀՄ֊ում հայտնի վիրաբույժը, գանգատվում է հատկապես նուրբ վիրահատությունների համար նախատեսված գործիքների վատ որակից, ինչ վերաբերում է վիրաբուժական ասեղներին, ապա նրանք ծռմռվում կամ կոտրվում են հենց վիրահատության ընթացքում («Պրավդա», 1936 թ․, նոյեմբերի 15) եւ այլն։

Թվում է, թե այդ փաստերը, ի թիվս հարյուրավոր ուրիշների, պետք է ստիպեին ծափահարողներին ավելի զգույշ լինել։ Սակայն քարոզչությունը զգուշանում է ուշադրություն դարձնել դրանց։

Պետք է այնուհանդերձ նկատի ունենալ, որ այդ ուշացումներն ու թերությունները բազում բողոքարկումների, երբեմն էլ դատավարությունների առիթ են տալիս, որոնք էլ իրենց հետեւից բերում են խիստ պատժամիջոցներ։ Եթե թերթերը խոսում են դրանց մասին, ապա միայն բարելավման նկատառումով։

Ինքնաքննադատությունը, որն այդքան կարեւոր է տեսական եւ սկզբունքային հարցերում, գործում է ողջ ուժով, հենց որ խոսքը ընդունված ծրագրերի իրականացման մասին է։ «Իզվեստիայից» (1936 թ․, հունիսի 3) մենք տեղեկանում ենք, որ Մոսկվայի որոշ թաղամասեր այսօրվա դրությամբ ունեն ընդամենը մեկ դեղատուն 65 հազար բնակչի համար, այլ թաղամասեր՝ մեկ դեղատուն 79 հազար բնակչի համար, եւ որ ողջ քաղաքում դեղատների թիվը չի անցնում 102֊ից։

1937 թ․ հունվարի 15֊ի «Իզվեստիայում» կարդում ենք․

«Արհեստական վիժեցումների դեմ հրամանագրի հրապարակումից հետո Մոսկվայում ծնունդների թիվը հասնում է 10.000֊ի, ինչը վկայում է, որ հրամանագրին նախորդող շրջանի համեմատ այն ավելացել է 65%֊ով։ Սակայն ի տարբերություն ծնունդների, ծննդատներում մահճակալների թիվն ավելացել է ընդամենը 13%֊ով։

Մանկական սայլակներն ու օրորոցները շատ հաճախ սքանչելի են։ Բայց 1932թ․ սըր Ուոլտեր Սիտրայնի վկայությամբ[3], առանձին օրորոցով ապահովված է ութ երեխայից միայն մեկը։ Ըստ նոր ծրագրերի, եթե, իհարկե, դրանք իրականացվեն ամբողջապես, այդ թիվը կկրկնապատկվի, այսինքն՝ օրորոցով կապահովվեն ութ երեխայից երկուսը։ Դա եւս բավական չէ, բայց գոնե առաջընթաց կա։ Դրան հակառակ վախենում եմ, որ իրավիճակը գնալով վատթարանում է բանվորական բնակարանների հարցում։ Նոր շինարարությունների ծրագրերը խիստ ետ են մնացել պահանջված մակարդակից՝ նկատի ունենալով բնակչության աճը։ Այնտեղ, ուր մեկ սենյակում բնակվում է երեք հոգի, կարող է շուտով բնակվել չորս եւ նույնիսկ հինգ հոգի։ Ավելացնենք նաեւ, որ բանվորական նորակառույց շենքերի մի մասը կառուցված է այնպիսի շտապողականությամբ կամ, ավելի ճիշտ, անփությությամբ եւ այնպիսի անորակ նյութերով, որ հավանաբար այնտեղ շուտով այլեւս հնարավոր չի լինի բնակվել։ Բնակարանի այս տրխահռչակ խնդիրը լոկ մեկն է նրանցից, որոնք հուզում էին Ուոլտեր Սիտրայնին։ Այցելելով Բաքվի արվարձաններում գտնվող նավթարդյունաբերության աշխատավորների բնակարանները, հակառակ պաշտոնական ուղեկցողների՝ նրան այդ վայրերից շեղելու բոլոր ջանքերին, նա ասում է․ «Այստեղ ես տեսա կեղտոտ բնակարանների այս երկրում իմ տեսած ամենամռայլ նմուշներից մի քանիսը, թեեւ այնտեղ նրանց պակասն ամենեւին չի զգացվում։ Ամեն ինչ այնտեղ վանող է արտաքնապես»։ Զուր էր ուղեկցողը փորձում համոզել նրան, որ դրանք պետք է համարել «ցարիզմի մնացուկներ»։ Սիտրայնն առարկում էր․ «Այսօր այլեւս միլիոնատերերը չեն, որ շահագործում են նավթահանքերը… Հեղափոխությունից տասնութ տարի է անցել, եւ դուք դեռ հանդուրժում եք, որ ձեր աշխատավորներն ապրեն նման խղճուկ բներում… Սոսկալի չէ՞ մտածելն անգամ, որ հարյուր հազարավոր բանվորներ 18 տարուց ի վեր լքված են այս ետնախորշերում»։

Պարոն Իվոնն իր «Ինչ է դարձել ռուսական հեղափոխությունը» գրքույքում բերում է ողբալի թշվառության այլ օրինակներ եւ ավելացնում․ «Բնակարանային ճգնաժամի պատճառն այն է, որ հեղափոխությունն ավելի հոգացել է «կապիտալիզմից անցնելու», հսկա գործարանների կառուցման եւ մարդկանց՝ արտադրության մեջ կենտրոնացնելու գործընթացի, քան նրանց բարօրության մասին։ Հեռվից վիթխարի առաջընթաց է թվում, մոտիկից՝ ահավոր ցավալի երեւույթ»։

III

Իմ գրքին արված ամենաարժանի կշտամբանքներից մեկն այն է, որ իբր ես չափազանց մեծ կարեւորություն եմ տալիս մտավոր խնդիրներին, որոնց պետք է առժամանակ հետին գիծ մղել, քանի դեռ այլ, ավելի հրատապ հարցեր մնում են չլուծված։ Դրա պատճառն այն է, որ ես անհրաժեշտ էի համարել վերարտադրել այնտեղ ասված իմ մի քանի ճառերը[4], որոնց շուրջ վեճեր էին ծավալվել։ Այդքան փոքր մի գրքում այդ ճառերը չափազանց մեծ տեղ են զբաղեցնում եւ ուշադրություն գրավում։ Ավելին, նրանք վերաբերում են իմ ճանապարհորդության սկզբնական շրջանին՝ մի ժամանակ, երբ դեռ կարծում էի (այո, ես այդքան միամիտ էի), որ ԽՍՀՄ֊ում կարելի էր լրջությամբ խոսել մշակույթի մասին եւ անկեղծորեն վիճաբանել, մի ժամանակ, երբ դեռ չգիտեի, թե որքան ուշացած ու ցավոտ էր հասարակական հարցը։ Բայց, այնուամենայնիվ, ես չեմ կարող լռել, երբ իմ խոսքերի մեջ ուզում են տեսնել ընդամենը մի ոմն գրողի բողոքարկումները։ Երբ խոսում էի մտքի ազատության մասին, դրա տակ թաքնված էր բոլորովին այլ բան։ Գիտությունը եւս անվանարկվում է սիրալիրությունների մեջ։

Մի անվանի գիտնականի հարկադրում են ժխտել իր քարոզած տեսությունը այն բանի համար, որ այն քիչ ուղղադավան է թվում։ Գիտությունների ակադեմիայի մի ոմն անդամ խոստովանում է իր «նախկին սխալները», որոնք «կարող էր օգտագործել ֆաշիզմը», ինչպես անձամբ հրապարակայնորեն հայտարարում է նա։ («Իզվեստիա», 1936 թ․, դեկտեմբերի 28)։ Նրան ստիպում են ընդունել իր դեմ ուղղված մեղադրանքների ճշմարտացիությունը սոսկ այն պատճառով, որ, համաձայն «Իզվեստիայի», նրա հետազոտությունների մեջ զգացվում է «հակահեղափոխական զառանցանքի» անախորժ ախտանիշների հոտը (տե՛ս հավելված, էջ 111)։

Էյզենշտեյնի աշխատանքները դադարեցված են։ Նա պիտի ընդունի իր «վրիպումները», խոստովանի, որ սխալվել է, եւ այն նոր ֆիլմը, որի վրա նա աշխատում է արդեն երկու տարուց ի վեր եւ որի վրա արդեն ծախսվել է երկու միլիոն ռուբլի, չի համապատասխանում ուսմունքի պահանջներին, այնպես որ, նրանք իրավացի են եղել՝ այն արգելելով։

Իսկ արդարադատությո՜ւնը։ Կարծում եք, թե Մոսկվայի եւ Նովոսիբիրսկի վերջին դատավարություննե՞րն են, որ կստիպեն ինձ զղջալ ձեզ այդքան վրդովվեցնող այս նախադասության համար․ «Կասկածում եմ, որ այսօր որեւէ երկրում, անգամ հիտլերյան Գերմանիյաում, միտքը լինի ավելի կաշկանդված, ավելի սարսափած (ահաբեկված) ու ստրկացված»։

Այժմ նրանք, քանզի չեմ ուզում շատ շուտ տեղի տալ, կառչում են «ձեռք բերված արդյունքներից»․ այլեւս չկա գործազրկություն, անառակություն, կինը հավասար է տղամարդուն, վերականգնվել է մարդկային արժանապատվությունը, կրթությունը տարածվել է ամենուր… Սակայն այդ գեղեցիկ արդյունքներից եւ ոչ մեկը քննության չի դիմանում։

Առավել մանրամասն կանդրադառնամ միայն կրթության խնդրին․ մյուս խնդիրներին մենք բավական շատ կհանդիպենք ընթացքում։

Ճիշտ է, ճանապարհորդը ԽՍՀՄ֊ում հանդիպում է մեծ թվով մշակույթի եւ ուսման ծարավ երիտասարդների։ Ոչինչ ավելի հուզիչ չէ, քան նրանց խանդավառությունը։ Եվ մեր աչքին բոլոր կողմերից դեմ են տալիս նրանց տրամադրության տակ դրված միջոցները։ Մենք ի սրտե ծափահարում ենք կառավարության հրամանագրին, որով 1936 թ․ փետրվարին նախատեսվում էր անգրագիտության լիակատար վերացումը 1936֊1937թթ․ ընթացքում, քանզի 4 միլիոն աշխատավոր չգիտի ոչ կարդալ, որ գրել, իսկ 2 միլիոն մարդ գիտի շատ անբավարար չափով… Բայց… «Անգրագիտության վերացման» մասին խոսվում էր դեռ 1923 թվից։ Այդ, ինչպես ասում էին, «պատմական» ծրագրի իրականացումը միտի համընկներ Մեծ հոկտեմբերի 10֊րդ տարեդարձի օրվան (1927թ․)։ Ուստի 1924թ․ Լունաչարսկին արդեն կանխատեսում էր «աղետը»․ նրանք կարողացան ստեղծել 50 հազարից պակաս տարրական դպրոց, մինչդեռ նախկին վարչակարգում կար 62 հազար դպրոց՝ նախատեսված ավելի քիչ թվով բնակիչների համար։ Քանզի, ի վերջո, քանի որ մեզնից անդադար խնդրում են ԽՍՀՄ֊ի ներկա դրությունը համեմատել հեղափոխությանը նախորդող իրադրության հետ, մենք ստիպված ենք ընդունել, որ բազմաթիվ բնագավառներում տառապող դասակարգի վիճակը հեռու է բարելավված լինելուց։ Բայց վերադառնանք դպրոցական խնդրին։

Լունաչարսկին վկայում է (1924թ․), որ գյուղական ուսուցիչների աշխատավարձը շատ հաճախ վճարվում է վեց ամիս ուշացումով կամ երբեմն բոլորովին չի վճարվում։ Աշխատավարձը երբեմն ամսական տասը ռուբլուց ցածր է։ Ճիշտ է, այն ժամանակ ռուբլու արժեքն ավելի բարձր էր։ Բայց Կրուպսկայան՝ Լենինի այրին, մեզ ասում է․ «Հացի գինը բարձրացել է, եւ ամսական 10֊12 ռուբլի աշխատավարձ ստացող ուսուցիչը կարող է գնել ավելի քիչ հաց, քան նախկինում գնում էր չորս ռուբլով (նրա աշխատավարձի չափը մինչեւ 1923թ․ նոյեմբերը)»։

1927թվին անգրագիտության վերացման ծրագրի ժամկետի ավարտին այն դեռ գոյություն ուներ, եւ 1928թ․ սեպտեմբերի 2֊ին «Պրավդան» վկայում է նրա «կայունացման» մասին։

Բայց գոնե այդ ժամանակներից ի վեր մի փոքր առաջընթաց եղե՞լ է։ 1936թ․ «Իզվեստիայի» նոյեմբերի մի համարում կարդում ենք․ «Նոր ուսումնական տարվա առաջին իսկ օրերից մի շարք դպրոցներից լուրեր ենք ստանում աշակերտների ապշեցուցիչ անգրագիտության մասին»։

Անընդունակ աշակերտների թվային հարաբերությունը հատկապես բարձր է նոր դպրոցներում՝ 75 տոկոս (նորից ըստ «Իզվեստիայի»)։ Միայն Մոսկվայում 64 հազար աշակերտ հարկադրված է կրկնել նույն դասարանը, Լենինգրադում՝ 52հազարը, իսկ 1500֊ը ստիպված են եղել երրորդ անգամ գնալ նույն դասարանը։ Բաքվում ուսման մեջ առաջադիմություն չունեցող ռուս աշակերտների թիվը հասնում է 45 հազարի, թուրք աշակերտներինը՝ 7000֊ի, 21 հազար ընդհանուր թվի մեջ։ («Բակինսկի ռաբոչի», 1937թ․, հունվարի 15)։ Բացի այդ, մեծ թվով աշակերտներ թողնում են դպրոցը։ «Վերջին երեք տարիների ընթացքում ՌՍՖՍՀ֊ի մի տեխնիկական հաստատությունում փախչողների թիվը հասնում է 80 հազարի։ Կաբարդինա֊Բալկարիայի մանկավարժական ինստիտուտում փախուստները կազմում են 24%, եւ 30%՝ Չուվաշիայում»։ Թերթն ավելացնում է․ «Մանկավարժական ինստիտուտների ուսանողները սարսափելի անգրագետ են»։ Դրան գումարած, այդ ինստիտուտները ՌՍՖՍՀ֊ում կարողանում են հավաքել նախատեսված թվի միայն 54%֊ը, Ռուսաստանի սպիտակ հատվածում՝ 42%֊ը, Տաջիկստանում՝ 48%֊ը, Ադրբեջանում՝ 40-64%֊ը եւ այլն։

1936թ․ դեկտեմբերի 26֊ին «Պրավդան» մեզ տեղեկացնում է, որ Գորկու շրջանում 5000 երեխաներ բոլորովին դպրոց չեն հաճախում։ Բացի այդ, դպրոցը թողած աշակերտների թիվը առաջին տարվա ավարտին հասնում է 5984֊ի, 2362֊ի՝ երկրորդ տարվա ավարտին եւ 3012֊ի՝ երրորդ տարվա ավարտին։ Ակնհայտ է, որ նրանք, ովքեր ամենամեծ համառությունն են ցուցաբերում, «տուզերն» են։ Այդ դասալիքություններին վերջ տալու համար բանվորական ուսուցման նախապատրաստական դասընթացի տնօրենն առաջարկում է փախչողներից գանձել 400ռուբլի տուգանք («Պրավդա Վոստոկա», դեկտեմբերի 23), եւ մեզ չեն ասում, թե արդյոք այդ տուգանքը կարո՞ղ է գոնե մի անգամ վճարվել։ Անհավանական է, քանզի վճարող ծնողի ամսական աշխատավարձը կազմում է ընդամենը 100-150 ռուբլի։

Դասագրքերի թիվը խիստ անբավարար է։ Այն գրքերը, որոնցով ստիպված են ուսուցանել, լի են սխալներով։ 1937֊ի հունվարի 11֊ի «Պրավդան» վրդովված է այն բանից, որ Մոսկվայի եւ Լենինգրադի կառավարական հրատարակչական տները գործածության համար ոչ պիտանի գրքեր են տպագրում։ Մանկավարժական հրատարակչությունը տպում է Եվրոպայի մի քարտեզ, որտեղ Հոլանդիան լողում է Արալյան ծովում, իսկ Շոտլանդական կղզիները՝ Կասպից ծովում, Սարատովը, Վոլգայից հեռանալով, հասնում է մինչեւ Հյուսիսային ծով եւ այլն։

Դպրոցական տետրերի կազմին տպված է բազմապատկման մի աղյուսակ․ նրանից սովորում ենք, որ 8x3=18, 7x6=72, 8x6=78, 5x9=43 եւ այլն («Պրավդա», 1936 թ․ սեպտեմբերի 17)։ Եվ այդ ժամանակ հասկանում ես, թե ինչու են ԽՍՀՄ֊ում հաշվապահներն այդքան շատ ձեռքի համրիչներ գործածում։

Եթե այդ ժամանակ հռչակավոր անգրագիտության վերացման գործընթացը, որով այդքան հիանում էին, հապաղում է իրականանալ, դրա պատճառներից մեկն էլ այն է, որ խեղճ ուսուցիչները՝ այդ մեկուսացած աշխատավորները, շատ հաճախ իրենց փոքրիկ աշխատավարձն իսկ չեն ստանում եւ ապրելու համար ստիպված են լինում զբաղվել բոլորովին այլ, դպրոցից շատ հեռու հոգսերով։ Մարտի 1֊ի «Իզվեստիան» բյուրոկրատական դանդաղկոտությանը (կամ դրամի հափշտակումներին) է վերագրում աշխատավարձերի չվճարումները, որոնց արդյունքում պետության պարտքը ուսուցիչներին հասնում է ավելի քան 0,5 միլիոն ռուբլու միայն Կույբիշեւի շրջանում։ Խարկովի շրջանում այդ պարտքը հասնում է 724 հազար ռուբլու եւ այլն։ Այնպես որ, ինքդ քեզ հարց ես տալիս, թե ինչպես են դեռ ապրում ուսուցիչները, եւ արդյոք անգրագիտության վերացումից առաջ հարկ չի՞ լինի վերացնել պրոֆեսորների անգրագիտությունը[5]։

  • * *


Կկամենայի, որ այս հարցում սխալ պատկերացում չձեւավորվի։ Ես ցավով եմ ներկայացնում այս սարսափելի թվերը։ Այդքան ցավալի իրադրության համար ավելի շուտ պետք է ողբալ․ բայց ես վրդովվում եմ, երբ ձեր կուրությունը կամ անբարեխղճությունը փորձում է մեզ այդ խղճուկ արդյունքները ներկայացնել որպես հիացմունքի արժանի բաներ։

IV

Ձեր հերյուրանքների աներեւակայելի մեծությունն էր պատճառը, որ այդքան խոր եւ ցավագին եղավ իմ վստահության, հիացմունքի ու բերկրանքի կորուստը։ Ճիշտ այդպես էլ այն, ինչի համար ես կշտամբում եմ ԽՍՀՄ֊ին, ամենեւին էլ ավելի լավ արդյունքի չհասնելը չէ (եւ հիմա ինձ բացատրում են, որ նրանք ավելի շուտ չէին կարող հասնել այդ արդյունքներին, եւ որ ես պիտի դա հասկանայի)։ Ինձ բացատրում են, որ նա շատ ավելի ցածրից է սկսել, քան ես կարող էի ենթադրել, եւ որ այն թշվառ վիճակը, որի մեջ ներկայումս տառապում են հազարավոր բանվորներ, մի դրություն է, որի մասին նախկին վարչակարգի բազմաթիվ ճնշվածներ պիտի անհուսորեն երազեին։ Ո՛չ, ԽՍՀՄ֊ին ես հատկապես կշտամբում եմ այն բանի համար, որ մեզ համոզում են, թե բանվորների դրությունն այնտեղ նախանձելի է։ Իսկ մեր կոմունիստներին կշտամբում եմ միայն նրա համար (ա՜հ, ես չեմ խոսում խաբված ընկերների, այլ նրանց մասին, ովքեի գիտեին կամ պարտավոր էին իմանալ), որ խաբել են բանվորներին (գիտակցաբար թե անգիտակցաբար), եւ տվյալ դեպքում, քաղաքականությամբ։

Խորհրդային բանվորը կապված է իր գործարանին, ինչպես գյուղական աշխատավորը կոլտնտեսությանը կամ սովխոզին եւ կամ ինչպես Իքսիոնն իր անիվին․ եթե ինչ֊որ պատճառով նա ուզենա տեղափոխվել՝ մի այլ վայրում ավելի լավ կամ պակաս վատ ապրելու հույսով, թող զգուշանա․ խմբավորված, դասակարգված եւ փակված այդ բանվորը կարող է չընդունվել ոչ մի այլ տեղ։ Նույնիսկ եթե առանց քաղաքը փոխելու նա թողնի իր գործարանը, կզրկվի այդքան դժվար ձեռք բերված բնակարանից (որն, ի դեպ, ձրի չէ), որի իրավունքը վաստակել է աշխատանքով։ Հեռանալու դեպքում պահվում է նրա աշխատավարձի մեծ մասը, կոլտնտեսականը կորցնում է իր կոլեկտիվ աշխատանքից ստացվող ողջ շահույթը։ Դրան հակառակ աշխատավորը չի կարող չենթարկվել իրեն պարտադրված տեղափոխման հրամաններին։ Նա չի կարող գնալ եւ ոչ էլ բնակվել այնտեղ, որտեղ իրեն դուր է գալիս, որտեղից գուցե իրեն կանչում են եւ որի հետ նրան կապում է սերը կամ մտերմությունը[6]։

Եթե նա կուսակցական չէ, նրա գրանցված ընկերները կանցնեն նրա վրայով։ Կուսակցության շարքերը մտնելը եւ նրա կողմից ընդունվելը (ինչը հեշտ չէ եւ առանձին գիտելիքներից բացի պահանջում է նաեւ կատարյալ ուղղադավանություն, ճարպկություն, քծնանքի հակվածություն) հաջողության հասնելու առաջին եւ անհրաժեշտ պայմանն է։

Մեկ անգամ ընդունվելով կուսակցության շարքերը՝ այլեւս անհնար է այնտեղից դուրս գալ[7]՝ առանց կորցնելու իր դիրքը, տեղը եւ նախկին աշխատանքի միջոցով ձեռք բերած բոլոր առավելությունները, եւ ի վերջո, առանց արժանանալու ընդհանուրի կասկածանքին ու հետապնդումներին։ Քանզի ինչո՞ւ թողնես մի կուսակցություն, որն այդքան շահավետ է եւ այդքան արտոնություններ է տալիս՝ դրա փոխարեն պահանջելով ընդամենը համաձայնել ամեն ինչի հետ եւ այլեւս ինքնուրույն չմտածել։ Եվ ի՞նչ կարիք կա այդքան մտածելու (այն էլ ինքնուրույն), երբ ընդունված է, որ ամեն ինչ լավ է։ Մտածել ինքնուրույն՝ նշանակում է անմիջապես դառնալ «հակահեղափոխական»․ դուք արդեն հասունացել եք Սիբիրի համար։[8]

Առաջ ընթանալու գերազանց միջոց է մատնությունը։ Դա կարգավորում է ոստիկանության հետ ձեր հարաբերությունները, որն անմիջապես սկսում է ձեզ հովանավորել, բայց օգտագործելով ձեզ, քանզի մեկ անգամ սկսելով՝ այլեւս ոչ մի պատվի կամ ընկերության մասին խոսք լինել չի կարող, պետք է առաջ գնալ, եւ հետո մատնելը շատ հեշտ է։ Իսկ մատնիչը միշտ էլ վտանգից դուրս է։

  • * *


Երբ քաղաքական պատճառներով Ֆրանսիայում որեւէ կուսակցական թերթ կամենում է անվանարկել ինչ֊որ մեկին, նա այդ ստոր գործի համար դիմում է այդ մեկի թշնամուն։ ԽՍՀՄ֊ում դիմում են ամենամոտ ընկերոջը։ Նրանք չեն խնդրում, այլ պահանջում են։ Լավագույն պատիժն այն է, որ սաստկանում է ընդհանուրի մերժումով։ Շատ կարեւոր է, որ ընկերները երես թեքեն նրանից, ում ուզում են կործանել (Զինովեւի, Կամենեւի եւ Սմիռնովի դեմ հանում են իրենց երեկվա ընկերներին՝ Պյատակովին եւ Ռադեկին, նրանց անպատճառ կամենում են պատվազուրկ անել, իսկ հետո նույնպես գնդակահարել)։ Հրաժարվել հարաբերությունները խզելուց, այդ ստորությունից, նշանակում է ինքն իրեն կործանել այն ընկերոջ հետ, որին ուզում ես փրկել։

Ի վերջո, սկսում ես զգուշանալ ամեն ինչից եւ բոլորից։ Մի մանկական անմեղ խոսք կարող է կործանել ձեզ։ Այլեւս չես համարձակվում խոսել նրանց ներկայությամբ։ Յուրաքանչյուրը հսկում է ուրիշներին, ինքն իրեն եւ հսկվում։ Այլեւս ոչ մի անփութություն, ոչ մի բացառություն, թերեւս միայն անկողնում, կնոջդ հետ, եթե վստահում ես նրան։ Եվ X֊ը ծիծաղելով ասում էր, որ դա բավական էր բացատրելու վերջին ժամանակներիս ամուսնությունների հաճախակիությունը։ Նույն հանգստությունը չունեին ազատ ամուսնության ժամանակ։ Մտածեք, ուրեմն, մարդիկ երբեմն դատապարտվել են ավելի քան տասը տարվա հնություն ունեցող խոսքերի բացահայտման պատճառով։ Եվ բարձի վրա սիրտդ բացելու կարիքը, ամենօրյա այդ պարտադրանքից հետո, գնալով ավելի անհրաժեշտ է դառնում։

Մատնությունից պաշտպանվելու ամենաօգտակար միջոցը ուրիշներին մատնելն է։ Բացի այդ ձերբակալության կամ աքսորի ենթակա են եւ նրանք, ովքեր անպատշաճ խոսքեր լսելով, անմիջապես չեն մատնում։ Մատնությունը քաղաքացիական արիության դրսեւորման ձեւերից մեկն է։ Դրանով մարդուն սկսում են վարժեցնել ամենավաղ տարիքից, եւ երջանիկ է այն երեխան, որը «մատնում է»։

Բոլշեւո օրինակելի քաղաքի այդ փոքրիկ դրախտն ընդունվելու համար բավական չէ զղջացող նախկին ավազակ լինել, պետք է նաեւ մատնել իր մեղսակից ընկերներին։ Դա, այսպես ասած, ԳՊՈՒ֊ում մատնությունների համար սահմանված մրցանակ է, որը նրան ծառայում է որպես տեղեկատվության ձեռքբերման միջոց։

Կիրովի սպանությունից հետո ոստիկանությունն ավելի է սեղմել օղակը։ Էմիլ Վերհառնին երիտասարդների ներկայացրած խնդրագիրը (երբ անմիջապես պատերազմից առաջ նա ճանապարհորդում էր Ռուսաստանով), որով հիանում եւ որի մասին հրաշալի պատմում է Վիլդրակը, այլեւս հնարավոր չէր լինի այսօր, եւ ոչ էլ մոր (Գորկու մի շատ գեղեցիկ կերպար) կամ նրա որդու հեղափոխական գործունեությունը (կամ հակահեղափոխական, եթե կամենում եք)։

Այնտեղ, ուր երեկ կարող էիր գտնել օգնություն, օժանդակություն, այսօր գտնում ես միայն հսկողություն եւ մատնություն։ Հասարակական սանդուղքը վերից վար ձեւափոխվել է, եւ այսօր ամենաբարենպաստ դիրքում են ամենից շատ աչքի ընկնողները, ամենահաճկատարները, ամենաստոր եւ ստորակարգ սրիկաները։ Բոլոր նրանք, ում ճակատը բարձր էր, իրար հետեւից ոչնչացվել եւ աքսորվել են։ Գուցե կարմիր բանա՞կն[9] է փոքր ինչ զերծ մնացել դրանից։ Հուսանք, քանզի շուտով այդ հերոսական եւ հիանալի ժողովրդից, որ վաստակել էր մեր սերը, կմնան միայն դահիճները, չարաշահողներն ու զոհերը։

Եվ զարմանալի չէ, որ արտոնյալների դասից վտարված, խեղճ ու հետապնդվող խորհրդային բանվորը՝ քաղցած, ծեծված ու կոտրված մի մարդ, որը չի համարձակվում նույնիսկ առարկել կամ բարձրաձայն բողոքել, վերստեղծում է Աստծուն եւ ելք փնտրում աղոթքի մեջ։ Քանզի ո՞րն է այն մարդկայինը, որին նա կարող է ուղղել իր կոչը։ Զարմանալի ոչինչ չկա, երբ կարդում ենք, որ Ծննդյան տոների վերջին պատարագին եկեղեցին լի էր մարդկանցով։ Կողոպտվածներին՝ ափիոն։

  • * *


Երեք ամիս առաջ բնից ընկած մի տատրակ էի գտել, պահում էի այստեղ (Կյուվերվիլում), վանդակի մեջ ու կերակրում ցորենի հատիկներով։ Վերջերս նրա վանդակի մի անկյունում հայտնաբերեցի, որ հատիկներից երկուսը ծիլ են տվել թռչնի ջրամանի մոտ։ Այդտեղից երբեմն մի քիչ ջուր է թափվում, եւ դա նրա ու վանդակի ձողի միջեւ ընկած նեղ անկյունում մոլորված այդ հատիկներին ապահովել էր անհրաժեշտ խոնավությամբ։ Այնտեղից անսպասելիորեն (այսինքն՝ ես այդ նկատեցի հանկարծակի) բաց կանաչ, բարակ մի ցողուն դուրս եկավ, որն արդեն հասնում է 4-5 սմ բարձրության։ Եվ այդ շատ բնական երեւույթն ինձ համակեց այնպիսի հիացմունքով, որ ես երկար ժամանակ ոչ մի ուրիշ բանի մասին չէի կարողանում մտածել։ Ճիշտ է, հատիկները կարելի է հաշվել, կշռել․ դրանք փոքրիկ, կլորիկ, պինդ բաներ են, որ կարող ես գլորել, ինչպես կամենաս։ Եվ հանկարծ այդ հատիկներից մեկն ուզում է ապացուցել, որ ինքը, այնուամենայնիվ, կենդանի էակ է։ Կառավարիչը եւս թեքվեց վանդակի վրա եւ մեծ զարմանքով դիտեց փոքրիկ ծիքը, բայց հետո արագ մոռացավ այդ մասին։

Սակայն ինձ թվում է, որ մարքսիզմի որոշ տեսաբաններ[10] տարօրինակորեն զուրկ են այն զգացմունքից, որն ընդունակ է սերմնակալելու աստիճան փափկեցնել այդ հատիկները։ Անկասկած, զգացմունքն այստեղ անելիք չունի։ Պատշաճ չէ ողորմալ մի բան, որը կյանքում իր տեղն հարթում է արդարությամբ։ Խղճահարվել եւ արցունքներ հեղել թշվառության առջեւ՝ նշանակում է նպաստել դրան, մինչդեռ այն պետք է արմատախիլ անել։ (Կարեւոր է նաեւ թույլ չտալ, որ թրջվի այն վառոդը, որի կարիքը դեռ կունենա հեղափոխությունը)։

Այն, ինչ կոչվում է սիրտ, դատապարտված է դանդաղ մահվան[11] անգործության պատճառով։ Դրանից էլ գալիս է չափազանց հեշտությամբ մարդկանց տիրած այդ չորությունը․ համաշխարհային բարելավման արդյունքում տեղի ունեցած մի յուրահատուկ աղքատացում… Բայց այդ դիտարկումները շատ հեռու են տանում ինձ, թողնեմ դրանք։

V

Պարոն Ֆերնան Գրենիեն իր հավանությունը տալով՝ հիշատակում է իմ հետեւյալ միտքը․ «Գոնե կա մի ձեռքբերում․ ԽՍՀՄ֊ում այլեւս չկա մեծամասնության շահագործում հանուն մի քանիսի շահերի։ Դա հսկայական ձեռքբերում է»։ Եվ Գրենիեն լսարանի ծափահարությունների ներքո ավելացնում է․ «Հիրավի, ընկերնե՛ր, դա հսկայական ձեռքբերում է»։

Այո՛, դա հսկայական է, հսկայական էր, բայց այժմ այլեւս այդպես չէ։ Եվ ես հատկապես շեշտում եմ այդ, քանզի դա ամենակարեւորն է։ Ինչպես արդարացիորեն ասում է Իվոնը․ «Կապիտալիզմի անհետացման արդյունքում աշխատավորները չստացան իրենց բաղձալի ազատությունը»։ Լավ է, որ Ֆրանսիացի պրոլետարը հասկանում է դա, կամ ավելի ճիշտ լավ կլիներ, եթե հասկանար։ Ինչ վերաբերում է խորհրդային պրոլետարին, ապա նա աստիճանաբար կորցնում է այն պատրանքը, թե ինքն աշխատում է իր համար եւ, այդպիսով, վերականգնում իր արժանապատվությունը։ Իհարկե, այլեւս չկան նրա աշխատանքը շահագործով կապիտալիստ բաժնետերերը։ Բայց եւ այնպես նա շահագործվում է, եւ այնպիսի ճարտար, նուրբ ու քողարկված ձեւով, որ այլեւս չգիտի՝ ինչին հավատա։ Նրա թերի աշխատավարձի հաշվին ուռճանում է ուրիշների չափազանցված աշխատավարձը։ Նա չէ, որ օգտվում է իր աշխատանքից, իր գերաշխատանքից, այլ արտոնյալները, հասարակության սիրելիները, ճարպիկ ու գերհագեցած մարդիկ, նրանց հաշվին են ուռճացնում եւ կլորացնում աշխատավարձերը՝ ստանալով ամսական 10.000 եւ ավելի ռուբլու հասնող աշխատավարձ։

Առավել ճշգրտության համար բերում եմ պարոն Իվոնի[12] կազմած հետեւյալ աղյուսակը։ Ոչ ոք չի համարձակվի վիճարկել այն։

 

Գերաշխատավարձ
Սովորական աշխատավարձ
Բանվոր
70-400 ռ․
125-200 ռ․
Կրտսեր ծառայող
80-250 ռ․
130-180 ռ․
Տնային սպասավորներ
50-60 ռ․
Գումարած սնունդն ու բնակվարձը

Միջին ծառայողներ եւ տեխնիկներ
300-800 ռ․

Ավագ պատասխանատուներ եւ մասնագետներ, պաշտոնյաներ, որոշ դասախոսներ, արվեստագետներ, գրողներ
1000-10000 ռուբլի եւ ավելի, ոմանք ունեն 20-30 հազար ամսական եկամուտ։

Թոշակների համեմատական աղյուսակը պակաս պերճախոս չէ։

Բանվորական թոշակներ․ ամսական 25-80 ռ․՝ առանց որեւէ արտոնության։

Ավագ մասնագետների եւ բարձր պաշտոնյաների այրիների թոշակներ․ ամսական 250-1000 ռ․, գումարած ամառանոցները կամ ցմահ տրվող բնակարանները, եւ երեխաների, երբեմն նույնիսկ թոռների կրթության համար անհրաժեշտ գումարները։

Սրանց հետեւում են աշխատավարձի կրճատումները (ամսական 150 ռուբլուց բարձր աշխատավարձը մասամբ ազատված է հարկից) կամ 15-21 տոկոս պահումները։ Չեմ կարող այս ամբողջ գլուխը նվիրել մեջբերումներին, ողջ գրքույկն է պետք կարդալ։

Օրական 5 ռուբլի աշխատավարձ, երբեմն՝ ավելի քիչ։ Ինձ թույլ եմ տալիս համեմատել մեր աշխատավարձի եւ նույնիսկ գործազրկության նպաստների հետ։ Ճիշտ է, հացն ավելի էժան է, քան Ֆրանսիայում (աշորայի հացը 0,85՝ 1 կգ, սպիտակ հացը՝ 1,70 ռուբլի՝ 1936 թ․ տվյալներով), բայց ամենահասարակ հագուստների, առաջին անհրաժեշտության ապրանքների գները սարսափելի բարձր են։ Ռուբլու գնողունակությունը փոքր֊ինչ զիջում էր մեր ֆրանկին՝ «հավասարումից» առաջ[13]։ Էլ չեմ խոսում այն տարբեր առավելությունների մասին, որոնցից կարող է օգտվել բանվորն իր աշխատավարձից բացի․ այդ արտոնություններն առավել հաճախ տրվում են բարձր աշխատավարձ ստացողներին։

Մտածում ես․ ինչո՞ւ են այդքան բարձր արտադրական ապրանքների կամ թեկուզ բնամթերքների գները (կաթ, կարագ, ձու, միս եւ այլն), եթե վաճառողը պատությունն է։ Բայց քանի դեռ ապրանքի քանակությունը մնում է անբավարար, եւ առաջարկն էլ այդքան ցածր է պահանջարկից, վատ չի լինի փոքր֊ինչ չափավորել վերջինս։ Ապրանքը կառաջարկվի միայն նրանց, ովքեր ի վիճակի կլինեն վճարել այդ բարձր գները։ Իսկ մեծամասնությունը կմնա սարսափելի կարիքի մեջ։

Այդ մեծամասնությունը կարող է իր դժգոհությունն արտահայտել վարչակարգի նկատմամբ․ ուրեմն անհրաժեշտ է թույլ չտալ նրան խոսել[14]։


Երբ պարոն Դան Պոնսը հիացմունքով է խոսում միջին աշխատավարձի աստիճանական բարձրացման մասին[15]

  1934֊ին          180 ռ․ (միջինը)
  1935֊ին          260 ռ․ (միջինը)
  1936֊ին          360 ռ․ (միջինը)


Ես նրան նկատել եմ տալիս, որ հասարակ բանվորներ ցածր աշխատավարձը մնում է նույնը, եւ որ միջինի այդ բարձրացումն ավելի շատ պայմանավորված է արտոնյալների մեծ թվով եւ նրանց ուռճացած աշխատավարձով։ Եվ բացի այդ, միջին աշխատավարձը չի բարձրանում այնքան, ինչքան բարձրանում է կյանքի ընդհանուր գինը, եւ ինչքան ռուբլին կորցնում է իր գնողունակությունը[16]։

Այստեղ մի պարադոքսալ բան է առաջանում․ օրական հինգ ռուբլի կամ ավելի ցածր աշխատավարձն աշխատավորների մեծագույն մասին նետում է ծայրահեղ թշվառության գիրկը՝ առավել եւս բարձրացնելով որոշ արտոնյալների աշխատավարձը[17], եւ բավարարվելով այն հսկայական քարոզչության ծախսերը, որով մեր բանվորներին ուզում են համոզել, թե ռուս բանվորները երջանիկ են։ Կկամենայինք ավելի քիչ իմանալ այդ մասին, միայն թե նրանք մի փոքր ավելի երջանիկ լինեին։


VI

Մեծ բան է այլեւս իրեն չշահագործված զգալը։ Բայց գիտակցել, որ դեռ շահագործված ես եւ չիմանալ՝ ում կողմից, չիմանալ՝ ով է մեղավոր քո թշվառության համար եւ ում մեղադրել… Վախենում եմ, որ Սելինն իրավացի է, երբ բողոքի ձայնի այդ բացակայությունն համարում է սարսափի գագաթնակետ։ Նա բացականչում է․

«Մենք գոնե այստեղ զվարճանում ենք։ Մենք ստիպված չենք երջանիկ ձեւանալ․ մենք դեռ «ճնշվածներ» ենք։ Մենք կարող ենք ճակատագրի ողջ այլասերման մեղքը նետել արնախումների վրա, այդ «շահագործողներ» կոչվող քաղցքեղի վրա։ Իսկ հետո վարվել անառակ կնոջ նման․ ոչ տեսել եմ, ոչ լսել… Բայց երբ այլեւս ոչնչացնելու իրավունք չունես, երբ չես կարող նույնիսկ զայրանալ, կյանքն անտանելի է դառնում…» (Mea Culpa)։

Այս առավոտ (1937 թ֊ի փետրվարի 8) X֊ն ինձ հաղթանակած տեսքով բերում է երեկվա «Temps»֊ի երեկոյան համարը եւ ցույց տալիս։

«Երկու հնգամյակների ընթացքում Ուկրաինայի բյուջեն ավելացել է յոթ անգամ[18]։ Նոր բյուջերի ծախսերի մեծ մասը նախատեսված է հասարակական եւ մշակությային բնագավառների համար, որից 2564 միլիոն ռուբլին՝ հասարակական կրթության, իսկ 1227 միլիոնը՝ հասարակական առողջության կարիքների համար»— Դեհ, ի՞նչ կասեք սրան։

Վերցնում եմ Լուիս Ֆիշերի գիրքը, որն այդքան բարեհաճ է ԽՍՀՄ֊ի նկատմամբ, բացում 196 էջը եւ պատասխանում X֊ին՝ իմ հերթին կարդալով․ «Ինձ թվում է, որ իշխող պրոլետարիան իր դիրքերը զիջում է մրցակիցներին, քանզի նոր կառուցվող 16 առողջարանները (Կիսլովոդսկում «աշխարհի ամենամեծ ստորերկրյա ջրերի կայանը») բոլորն էլ կառուցվում են կառավարական այնպիսի ծառայությունների կողմից, ինչպես պետական բանկը, ծանր արդյունաբերության կոմիսարիատը, փոստերի եւ հեռագրատների կոմիսարիատը, Պրավդան եւ այլն։ Այդ բոլոր գերատեսչությունները նույնպես կարծում են, որ պաշտոնյաների համար անկողիններն ու լոգարաններն ավելի մատչելի կլինեն, քան բանվորների համար»[19]։

Լուիս Ֆիշերը շատ մեղմ է խոսում «արհմիությունների անտարբերության» մասին։ Ըստ նրա, միայն այդ արհմիությունները բավական էին խանգարելու «կառավարական պաշտոնյաներին, ինժեներներին եւ այլ ստրատեգիական դիրք ունեցող խմբերին՝ իրենց վերցնել լավագույն բնակարանները, առողվարանների՝ իրենց հասնող մասից ավելին եւ այլն»։ Ոչ, ոչ, արհմիություններն անզոր են այնտեղ, ուր իշխում է բռնակալությունը։ Պրոլետարիատի դիկտատուրա, ասում էին մեզ։ Մենք գնալով ավելի ու ավելի ենք հեռանում դրանից։ Եվ գնալով ավելի ու ավելի ենք մոտենում «պրոլետարիատի վրա բյուրոկրատիայի դիկտատուրային»[20]։

Քանզի պրոլետարիատը չի կարող ընտրել նույնիսկ մի ներկայացուցիչ, որը պաշտպանի իր ոտնահարված շահերը։ Ժողովրդական քվեարկությունները, բաց թե փակ, բոլորն էլ ծաղր են ու կեղծիք։ Բոլոր նշանակումներն արվում ու որոշվում են վերեւում։ Ժողովուրդն իրավունք ունի ընտրել միայն նրանց, ովքեր նախօրոք ընտրված են։ Պրոլետարիատը ձեւական է։ Չորս կողմից խցանված ու կապկպված լինելով՝ նրա համար գրեթե անհնար է դիմադրել։ Ա՜խ, որքան ճիշտ է տարել ու շահել խաղը Ստալինը․ նրան ծափահարում են ողջ աշխարհի կոմունիստները, որոնք դեռ կարծում են, եւ դեռ երկար կկարծեն, որ գոնե ԽՍՀՄ֊ում հաղթանակ են տարել, եւ թշնամի ու դավաճան են համարում բոլոր նրանց, ովքեր չեն հափահարում։

  • * *
 ՆԷՊ֊ի տարիներից ի վեր զգալիորեն ուժեղացած բյուրոկրատիան ներխուժում է կոլտնտեսություններն ու սովխոզները։ 1936 թ֊ի սեպտեմբերի 16֊ի Պրավդան հետազոտություններից հետո գյուղատնտեսական մեքենաների կայանների աշխատակազմի 14 տոկոսից ավելին գնահատել է որպես ոչ պիտանի ծառայողներ։[21]

Ոմանք պնդում են, որ Ստալինն ինքն է դարձել այդ, սկզբում որպես կառավարման, իսկ հետո որպես իշխանության գործիք, ստեղծված բյուրոկրատիայի գերին։ Սինեկուրայից ոչինչ ավելի դժվար չէ հեռացնել, քան անհատական ոչ մի արժեք չունեցող ծույլերին։ Արդեն 1929 թվին Օրջոնիկիձեն սարսափում էր «անբանների» այդ վիթխարի ամբոխից, որոնք ոչինչ չեն ուզում իմանալ իսկական սոցիալիզմի իմաստին եւ աշխատում են միայն նրա հաջողության խափանման համար։ «Այնպիսի մարդիկ, որոնք ոչնչի պիտանի չեն, եւ որոնց կարիքը ոչ ոք չունի, տեղավորվում են վերահսկող հանձնաժողովներում»,— ասում էր նա։ Բայց որքան ավելի ապիկար են այդ մարդիկ, այնքան ավելի Ստալինը կարող է վստահել նրանց հարմարվողական անձնվիրությանը, քանզի արտոնյալ դիրքն իրենց համար ասես շնորհ լինի։ Նրանք էլ հենց, ավելորդ է ասել, վարչակարգի ջերմեռանդ պաշտպաններն են։ Ծառայելով Ստալինի շահերին, նրանք պահպանում են իրենց սեփական շահը։

  • * *


Պաշտոնյաներին բյուրոկրատացումից զերծ պահելու համար Լենինը նշում էր երեք անհրաժեշտ պայման․1. անընդհատ փոփոխություններ եւ ընտրելիություն ցանկացած ժամանակ, 2. միջին բանվորի աշխատավարձին հավասար աշխատավարձ, 3. բոլորի մասնակցությունը ստուգման եւ հսկման գործընթացին, այնպես որ (նա պնդում է) բոլորը ժամանակավորապես լինեն պաշտոնյա, բայց ոչ ոք չկարողանա դառնալ բյուրոկրատ։ Այս երեք պայմաններից ոչ մեկը չի իրականացվում։ ԽՍՀՄ֊ից վերադառնալով, չես կարող կարդալ Լենինի «Պետություն եւ հեղափոխություն» գիրքը առանց սրտի ցավի, քանզի այսօրվա ԽՍՀՄ֊ն ավելի քան երեկ հեռու է ոչ միայն իր երազած կոմունիստական հասարակությունից, այլեւ այն միջանկյալ շրջանից, որի ընթացքում պիտի հասունանար սոցիալիզմը։

Լենինի նույն գրքում կարդում ենք․

«Կաուցկին ըստ էության ասում է հետեւյալը․ քանի դեռ կլինեն ընտրովի ծառայողներ, կլինեն եւ պաշտոնյաներ, ուրեմն բյուրոկրատիան կգոյատեւի եւ սոցիալիստական վարչակարգում։ Դա շատ սխալ է։ Մարքսը Կոմունայի օրինակով ցույց է տվել, որ հասարակական պաշտոններ զբաղեցնող անձինք սոցիալիստական վարչակարգում դադարում են «բյուրոկրատներ» եւ «պաշտոնյաներ» լինելուց, եւ դա կատարվում է ընտրությունից բացի ցանկացած ժամանակ նրա փոփոխման պարտավորության հաստատման, նրա աշխատավարձը բանվորի միջին աշխատավարձին հավասարեցնելու եւ խորհրդարանական հաստատությունները աշխատանքային հաստատություններով փոխարինելու գործընթացին զուգահեռ, այսինքն՝ օրենքներ ստեղծելով եւ դրանք կիրառելով»[22]։

Եվ այդ ժամանակ հարց ես տալիս, թե այսօր Կաուցկին չէ՞, որ ճիշտ է դուրս գալիս, եւ թե այսօր այդ երկուսից՝ Լինինից եւ նրանից, ո՞ր մեկին կձերբակալեր կամ կգնդակահարեր Ստալինը։

VII

Նոր Սահմանադրությունը մեկից ավելի հոդվածներում ասես հոգացել է նախօրոք պատասխանել այն քննադատություններին եւ կանխել այն գրոհները, որոնք հաստատապես պիտի վաստակեր։ Ղեկավարները հիանալի գիտեն, որ մեքենայի կառավարումը ժողովրդին չի պատկանում, եւ որ ժողովրդի ու նրա ենթադրյալ ներկայացուցիչների միջեւ խզված է ամեն մի իրական կապ։ Նրանց հենց դա է պետք։ Կարեւորն ուրեմն այն է, որ ստեղծեն այն պատրանքը, թե այդ կապը երբեք ավելի սերտ չի եղել, եւ որ պիտի «ուժեղացվի» զանգվածների վերահսկողությունը խորհրդային իշխանության մարմինների վրա եւ բարձրացվի «այդ մարմինների պատասխանատվությունը զանգվածների նկատմամբ», ինչպես ասում է մարտի 13֊ի Հյումանիտեն։ Թերթն այնուհետեւ ավելացնում է․ «Նոր ընտրական համակարգը կամրապնդի ժողովրդի ընտրյալների կապը ընտրողների զանգվածների հետ»։ Հրաշալի՜ է, այնքան հրաշալի, որ նույն հոդվածը կարող է այնուհետեւ բոլորովին չթաքցնել, որ նրանք մտադրություն ունեն «առաջնորդել ընտրությունները, քննադատել վատ թեկնածությունները եւ ընդդիմանալ առանց սպասելու գաղտնի քվեարկության ժամանակ նրանց ջախջախմանը», այնպես որ շատ էլ չես կարող հիանալ նրանց զգուշավոր շրջահայացությամբ։ Մտածեք միայն, որքան տհաճ կլիներ կրկնել 1934 թվականի հոկտեմբերի 19֊ի սխալը, երբ ժողովրդին թույլ տրվեց ընտրել (ինչպես, օրինակ, Կիեւի շրջանային կոմիտեի պլենումի ժամանակ) «այսօր դիմակազերծված այնպիսի մարդկանց, ինչպիսիք են կուսակցության թշնամիները»։ Այդտեղից էլ գալիս է շատ արագ ընտրություններից առաջ «կուսակցության ակտիվ կորիզի զարգացմանը խոչընդոտող ցանկացած բանի արգելման անհրաժեշտությունը»։ Որից հետո միայն ընտրությունները կարող են լինել «ազատ»։ Այդ իսկ պատճառով վախենում եմ, որ խիստ դաս կտան մի թերթի ոմն հրատարակչի, որի անունը զգուշանում եմ տալ՝ վախենալով նրան վնաս պատճառել, որը, չնայած ստալինյան ԽՍՀՄ֊ին եւ նոր Սահմանադրությանն իր նվիրվածությանը, համարձակվում է գովասանքներին զուգահեռ անել հետեւյալ համեստ դիտողությունները․ «Մենք մտավախություն ունենք, որ ներկա համակարգում պետական մարմիններն այլեւս չեն շփվում աշխատավորական զանգվածների հետ, ինչպես Խորհուրդների համակարգում, այլ ընդհակառակը, միտում ունեն նրանցից տարանջատվելու։

— Ինչո՞ւ…

— Դե, նկատի ունենալով իրենց ընտրողների միջեւ եւ ընտրողների ու նրանց պատգամավորների միջեւ եղած հեռավորությունը»։

Եվ անզգույշ քննադատն համարձակվում է հիշեցնել, որ «այդ խորհուրդը, ինչպիսին էլ լիներ, բուրգի մի քարն էր եւ իր ազդեցությունն էր գործում երկրի ընդհանուր քաղաքականության վրա»։ Ուստի հենց դա էր, որ անհարմարություն էր առաջացնում եւ հենց դա էր պետք կարգի բերել։ «Հիմնային մշտական քաղաքական բջիջն այլեւս գոյություն չունի»[23]։

Մենք կարող ենք միայն ամբողջովին համաձայնել սըր Ուոլտեր Սիտրայնի այն հայտարարության հետ, որտեղ նա իր համոզվածությունն է արտահայտում, թե «ԽՍՀՄ֊ը մյուս բռնապետությունների նման ղեկավարվում է մի բուռ մարդկանց կողմից, եւ որ ժողովրդական մեծ զանգվածները ոչ մի մաս չունեն[24] կամ էլ չնչին մաս ունեն երկրի կառավարման մեջ»։

 * * *


Այսպես թե այնպես, վերջին հաշվով վճարում է միշտ էլ ժողովուրդը, որքան էլ անուղղակի լինի դա։ Այսպես թե այնպես սննդամթերային հումքի արտահանման (որի կարիքը սակայն ժողովուրդը խիստ ունի), գյուղատնտեսական ապրանքների եւ սպառման առաքվող նույն ապրանքների գների հրեշավոր տարբերության կամ ուղղակի պահպանումների միջոցով, միշտ էլ բանվորագյուղացիական դասակարգի եւ նրանց սպառման միջոցների հաշվին է կազմվում անհրաժեշտ ու երբեք չլրացող խնայողությունների հիմնադրամը։ Դա այդպես էր առաջին իսկ հնգամյա պլանի ժամանակ ու շարունակվում է այդպես լինել եւ այսօր։ Դեռ կարելի է ընդունել, որ հիմնադրամը, բացի այն զարգացման թափից, որ պիտի հաղորդի ողջ մեքենային, օգտագործվում է գործնական, օգտակար, մարդասիրական նպատակներով։ Դեռ կարելի է հավատալ, որ ժողովուրդը օգտվում է, կամ հուսալ, որ կօգտվի հիվանդանոցներից, հանգստյան տներից, մշակութային հաստատություններից եւ այլն։ Բայց ինչ ասես, երբ այդ դժբախտության մեջ ողջ հիմնադրամը ծախսվում է Խորհուրդների պալատի կառուցման վրա՝ առավել եւս հիացնելով Ժան Պոնսին։ Պատկերացրեք միայն․ 415մ բարձրությամբ մի հուշարձան (նյույորքցիներն, ասում են, կապտում են զայրույթից), որի վերեւում կանգնեցված է չօքսիդացող պողպատից կառուցված 70֊80 մետրանոց Լենինի արձանը՝ ամեն մի մատը, ինչպես ասում են, 10մ երկարությամբ[25]։ Է՛հ, գոնե բանվորը կիմանա, թե ինչու է սովից մեռնում։ Նա կարող է նույնիսկ մտածել, որ արժի այդ ամենը։ Քանի որ հաց չկա, նրանք գոնե դրանով կարող են պարծենալ (բայց կպարծենան թերեւս հենց մյուսները)։ Եվ ամենահիանալին այն է, որ նրան կստիպեն քվեարկել հօգուտ այդ պալատի, դուք կտեսնեք, եւ դեռ միաձայն։ Ռուս ժողովրդին կհարցնեն, թե որն է նախընտրում, լավ ապրե՞լը թե պալատը։ Եվ ոչ մեկը չի լինի, որ չպատասխանի կամ իրեն պարտադրված չզգա պատասխանելու՝ պալատն ամենից առաջ։

«Մայրաքաղաքում կառուցվող յուրաքանչյուր պալատ տեսնելիս ինձ թվում է, թե մի ողջ երկիր են խցկում խրճիթների մեջ»,— գրում է Ժան֊Ժակը («Հասարակական դաշինք», III, 13)։ «Խրճիթների մե՞ջ», խորհրդային բանվորնե՞րը։ Ա՜հ, Ստալինի կամոք նրանց խցկել են բների մեջ։

 Ես այդ ամենից ոչ մի գաղափար չունեի, երբ ԽՍՀՄ֊ում էի, ոչ ավելի քան կոնցեսիոն ընկերություններից, եբր ճանապարհորդում էի Կոնգոյում։ Ինչպես այստեղ, այնպես էլ այնտեղ ես տեսնում էի աղետալի հետեւանքներ, որոնց պատճառները դեռ չէի կարող լավ հասկանալ։ Միայն ԽՍՀՄ֊ի մասին իմ գիրքը գրելուց հետո իմացա այդ մասին։ Սիտրայնը, Տրոցկին, Մերսիեն, Իվոնը, Վիկտոր Սերժը, Լեյը, Ռուդոլֆը եւ բազմաթիվ այլ գրողներ ինձ օգնեցին իրենց փաստագրություններով։ Այն ամենը, ինչ նրանք ինձ հայտնեցին եւ որոնց մասին ես միայն գուշակում էի, հաստատեց եւ ամրապնդեց իմ ուսումնասիրությունը։ Վաղուց ժամանակն է, որ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը բաց անի իր աչքերը։ Կամ էլ, որ աշխատավոր ժողովուրդը հասկանա, թե խաբված է կոմունիստներից, ինչպես որ կոմունիստներն են այսօր խաբված Մոսկվայից։

VIII

Երեք տարվա ընթացքում ես չափից շատ էի գլուխս լցրել մարքսիստական գրվածքներով, որպեսզի ԽՍՀՄ֊ում ինձ օտար զգայի։ Մյուս կողմից չափազանց շատ էի կարդացել ճանապարհորդական նոթեր, խանդավառ նկարագրություններ, այլաբանություններ։ Իմ մեծագույն սխալը գովեստներին շատ մեծ հավատ ընծայելն էր։ Եվ այն պատճառով, որ այն ամենը, ինչ կարող էր ինձ նախազգուշացնել, ասվել էր այնպիսի զայրալից տոնով… Ես ավելի շատ հավատում եմ սիրուն, քան ատելությանը։ Այո, ես վստահում եւ հավատում էի։ Եվ այն, ինչ ինձ տհաճություն էր պատճառում, ոչ այնքան անկատարությունն էր, որքան այն, որ ինձ անմիջապես շրջապատեցին այնպիսի արտոնություններով, որոնցից կկամենայի խուսափել, եւ որոնց վաղուց ի վեր վերացած էի կարծում։ Ինձ, իհարկե, բնական էր թվում հյուրին հնարավորին չափ լավ ընդունելու եւ ամենուր լավագույնը ցույց տալու նրանց ցանկությունը։ Բայց ինձ զարմացնողը լավագույնի եւ հասարակ զանգվածների միջեւ եղած հսկայական հեռավորությունն էր, ծայրահեղ արտոնությունների առկայությունը միջակ կամ վատ սովորականի կողքին։

Դա գուցե իմ մտքի եւ բողոքական կրթության արդյունքն է․ ես զգուշանում եմ շահութաբեր գաղափարներից եւ «հարմարավետ» կարծիքներից․ ուզում եմ ասել գաղափարներ, որոնց հետեւողը հույս ունի օգուտ քաղել։ Եվ ես, գրողը տանի, շատ լավ եմ հասկանում, թե առանց կաշառքի դիմելու, ինչ շահ կարող է ունենալ խորհրդային կառավարությունը բարեհաճ վերաբերմունք ցույց տալու արվեստագետներին եւ գրականագետներին, բոլոր նրանց, ովքեր կարող են իր գովքը երգել, բայց նաեւ լավ եմ տեսնում, թե ինչ շահ կարող է ունենալ գրողը՝ ծափահարելով կառավարությանը եւ սահմանադրությանը, որոնք այնքան բարենպաստ են իր նկատմամբ։ Սակայն անմիջապես վախենում եմ գայթակղվելուց, վախենում եմ այն հսկայական շահույթներից, որ ինձ առաջարկում են այնտեղ։ Ես չեմ գնում ԽՍՀՄ արտոնություններ ձեռք բերելու հույսով, իսկ դրանք, որ ինձ սպասում էին այնտեղ, ակնհայտ էին։

Իսկ ինչո՞ւ չասեմ այդ մասին։

Մոսկովյան թերթերից տեղեկացել էի, որ մի քանի ամսում իմ գրքերից ավելի քան 400 հազար օրինակ էր վաճառվել։ Եվ դեռ չեմ հաշվում հեղինակային իրավունքների տոկոսը։ Իսկ բարձր վարձատրվող հոդվածնե՜րը։ Ստալինին ու ԽՍՀՄ֊ին նվիրված մի գովասանություն, եւ ես մի ողջ կարողություն կվաստակեի…

Այդ փաստարկները չէին կարող ինձ ետ պահել գովաբանելուց, բայց եւ չեն խանգարի, որ քննադատեմ։ Սակայն խոստովանում եմ, այն արտակարգ շահավետ դիրքը, որ կարող է ունենալ յուրաքանչյուր ոք, ով գրիչ ունի, միայն թե այն ուղղի ճիշտ կողմը, քիչ նշանակություն չի ունեցել ինձ զգուշացնելու համար։ ԽՍՀՄ֊ի բոլոր բանվորներից, արհեստավորներից եւ շատ ուրիշներից ամենաշատը հովանավորվում էին գրողները։ Իմ ճանապարհորդական ընկերներից երկուսը (որոնցից յուրաքանչյուրի թարգմանված մեկական գիրք այդ ժամանակ տպագրվում էր) վազում էին հնությունների խանութները, հազվագյուտ իրերի կրպակները, վերավաճառողների մոտ, չիմանալով ինչպես ծախսել այն մի քանի հազար ռուբլու ավանսը, որ ստացել էին եւ չէին կարող երկրից դուրս բերել։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ինձ մոտ հսկայական պահեստ էի կուտակել, քանզի ամեն ինչ այնտեղ ինձ նվիրում էին։ Այո՛, ամեն ինչ, սկսած այս ճանապարհորդությունից մինչեւ ծխախոտի տուփերը։ Եվ ամեն անգամ, երբ հանում էի դրամապանակս ռեստորանի կամ հյուրանոցի հաշիվը վճարելու համար, դրոշմանիշեր կամ թերթ գնելիս, մեր ուղեկցողն անդիմադրելի ժպիտով եւ տիրական շարժումով կանգնեցնում էր ինձ․ «Կատակո՞ւմ եք, ինչ է, դուք մեր հյուրն եք եւ ձեզ հետ միասին ձեր հինգ ընկերները»։

Ճիշտ է, ես ԽՍՀՄ֊ում ճանապարհորդելու ողջ ընթացքում ոչնչից դժգոհելու առիթ չեմ ունեցել, եւ այն բոլոր խորամանկ բացատրություններից, որ հնարվեցին իմ քննադատությունների ուժը կոտրելու համար, ամենաանհեթեթն այն էր, որը փորձում էր դրանք ներկայացնել որպես իմ անձնական դժգոհության արտահայտություն։ Ես դեռ երբեք այդչափ շքեղ պայմաններում չէի ճանապարհորդել։ Հատուկ վագոնով կամ լավագույն մեքենաներով, լավագույն հյուրանոցների լավագույն սենյակները, ամենաառատ եւ ընտիր կերակուրները։ Իսկ ինչպիսի՜ ընդունելություն։ Ինչպիսի՜ հոգածություններ, ի՜նչ հաճոյկատարություն, ամենուր ինձ ողջունում էին, քծնում, փայփայում, տոնակատարություններ էին կազմակերպում։ Ոչինչ նրանց չափազանց լավ ու ընտիր չէր թվում, որպեսզի ինձ նվիրեին։ Իմ կողմից անքաղաքավարություն կլիներ մերժել այդ շնորհերը․ ես չէի կարող այդ անել, եւ նրանք ինձ թողել են հրաշալի հիշողություններ, մեծ երախտագիտության զգացում։ Բայց հենց այդ շնորհներն էլ ինձ անդադար հիշեցնում էին բոլոր այն արտոնություններն ու տարբերությունները մի երկրում, որտեղ ես կարծում էի, թե հավասարություն կգտնեմ։

Ի՞նչ եք կամենում, որ մտածեմ, երբ միայն մեծ դժվարություններից հետո ինձ հաջողվեց փախչել պաշտոնականություններից ու հսկողություններից, եւ իմ պատվին կազմակերպված ճաշկերույթը, որից ոչ մի կերպ չէի կարող խուսափել, վայելել օրական ընդամենը 4֊5 ռուբլու աշխատավարձ ստացող բանվորի հետ։ Դա համարյա ամենօրյա ճաշկերույթ էր, ուր միայն նախուտեստներն այնքան շատ էին, որ իսկական ճաշը սկսելուց առաջ արդեն երեք անգամ կշտանում էինք․ վեց ճաշատեսակից բաղկացած մի խնջույք, որը տեւում էր երկու ժամից ավելի, ուժասպառ էր անում մեզ մինչեւ ավարտը։ Ինչպիսի՜ ծախս, երբեք հաշիվը տեսած չլինելով, չեմ կարող ճշգրիտ ասել նրա արժեքը։ Բայց իմ ընկերներից մեկը, որը լավ ծանոթ էր գներին, գտնում էր, որ յուրաքանչյուր ճաշկերույթ կազմում էր 300 ռուբլի յուրաքանչյուրի համար, լիկյորների եւ գինիների հետ միասին։ Մենք ընկերներով վեց հոգի էինք, ուղեկցորի հետ՝ յոթ, եւ հաճախ լինում էին ճիշտ նույնքան հրավիրողներ, որքան հրավիրյալներ, երբեմն նույնիսկ ավելին[26]։

Այդ ճանապարհորդության ընթացքում մենք ըստ էության ոչ թե կառավարության, այլ Խորհրդային գրողների հարուստ միության հյուրերն էինք։ Երբ մտածում եմ այն ծախսերի մասին, որ նրանք արել են մեզ համար, կասկածում եմ, որ իմ հեղինակային իրավունքների ոսկե հանքը, որ զիջում եմ նրանց, կկարողանա բավականացնել այն հատուցելու համար։ Ակնհայտորեն նրանք բոլորովին այլ արդյունքներ էին սպասպում այդ շռայլ շնորհերի դիմաց։ Եվ զայրույթի մի մասը, որ իմ դեմ արտահայտեց «Պրավդան», այդտեղից է գալիս․ ես շատ «շահութաբեր» չեղա։

  • * *


Հավատացնում եմ ձեզ, որ իմ խորհրդային արկածների մեջ ինչ֊որ ողբերգական բան կա։ Խանդավառ, համոզված՝ ես եկել էի հիանալու մի նոր աշխարհով, իսկ ինձ, գայթակղեցնելու համար, հրամցնում էին այն բոլոր առանձնահատուկ շնորհերը, որ ինձ համար այնքան նողկալի էին հնում։

— Դուք ոչինչ չեք հասկանում,— ասում է ինձ մի օրինակելի մարքսիստ։— Կոմունիզմը դեմ է միայն մարդու կողմից մարդու շահագործմանը, ինչքա՞ն պետք է ձեզ այդ կրկնել։ Եվ հասնելով դրան, դուք կարող եք լինել նույնքան հարուստ, որքան Ալեքսեյ Տոլստոյը կամ ինչպես Գրանդ օպերայի երգիչը։ Այդ դեպքում դուք ձեր կարողությունը վաստակած կլինեք ձեր անձնական աշխատանքով։ Փողի եւ ունեցվածքի նկատմամբ ձեր արհամարհանքի ու ատելության մեջ ես տեսնում եմ ձեր նախնական քրիստոնեական գաղափարների ցավալի մնացուկները։

— Հնարավոր չէ։

— Եվ համաձայնեք, որ նրանք ոչ մի կապ չունեն մարքսիզմի հետ։

— Ավա՜ղ…

  • * *


Ես լավ գիտեմ, եւ ինձ հիշեցնում են, թե ռուսական բնավորության որոշ, երբեմն շատ սքանչելի գծեր, ինչպես անմիջականությունը, սրտակցությունը եւ անսահման մեծահոգությունը, որ անմիջապես գրավում էր իմ համակրանքը, ինչպես նաեւ ձեռքբերումներն անվանարկող ակնհայտ թերությունները պայմանավորված են ռուսների կիսով չափ արեւելյան խառնվածքով եւ դրա համար պետք չէ մեղադրել վարչակարգին․ նրանք համարյա հիշեցնում են ինձ ցարերի ժամանակների նույն թերություններն ու առավելությունները։ Ճիշտ նույն կերպ կարծում եմ, որ սխալ է մարդկային բնության հիմնավոր փոփոխություններ սպասել եւ հույս դնել միայն տարբեր հասարակական հանգամանքների վրա։ Հասկացեք ինձ, այդ փոփոխություններն արդեն իսկ բավական են, եթե թույլ են տրվում․ դա մեծ բան է։ Բայց նրանք երբեք հիմքեր չեն ստեղծի դրա համար։ Քանզի այստեղ մեխանիկական ոչինչ չկա եւ, առանց ներքին անհատական վերափոխման, կվերստեղծվի բուրժուական հասարակությունը, կվերածնվի եւ կրկին կզորանա «հին մարդը»։

Քանի դեռ մարդը ճնշված է, քանի սոցիալական անարդարությունը նրան ստիպողաբար կպահի լիակատար ընկճվածության մեջ, ոչ ոք իրավունք չունի շատ բան սպասել այն կոկոնից, որ նա ունի իր մեջ։ Ճիշտ ինչպես երբեմն հրաշքներ են սպասում երեխաներից, որոնք հետագայում դառնում են շատ սովորական մեծահասակներ։ Երբեմն պատրանք է ստեղծվում, թե ժողովուրդը կազմված է լավագույն մարդկանցից, եւ որ մարդկության մնացյալ մասը խաբուսիկ է։ Ես պարզապես կարծում եմ, որ նա ավելի քիչ փչացած է, բայց փողը նրան կփչացնի, ինչպես մյուսներին։

Եվ նայեք՝ ինչ է կատարվում ԽՍՀՄ֊ում։ Այդ նոր կազմավորվող բուրժուազիան ունի մեր բուրժուազիայի բոլոր թերությունները։ Դեռ չհասցրած դուրս գալ թշվառությունից, արհամարհում է թշվառներին։ Ծարավ է այն ունեցվածքին, որից երկար ժամանակ զուրկ էր՝ նա գիտի ինչպես ձեռք բերել դա ու պահպանել։ «Արդյոք այս մարդի՞կ են արել հեղափոխությունը։ Ոչ, նրանք միայն օգտվում են դրանից», գրում էի ես իմ «Վերադարձ ԽՍՀՄ֊ից» գրքում։ Նրանք կարող են բոլորն էլ մտնել կուսակցության շարքերը։ Նրանք կոմունիստական ոչինչ չունեն իրենց սրտում։

IX

Սակայն կա մի հանգամանք՝ ռուս ժողովուրդը երջանիկ է թվում։ Այս հարցում ես լիովին համամիտ եմ Վիլդրակի եւ Ժան Պոնսի վկայությունների հետ, որոնց ճանապարհորդական նոթերը ես ընթերցեցի ոչ առանց որոշակի կարոտի։ Քանզի ես դա եւս արել եմ․ ոչ մի այլ տեղ մարդիկ, ժողովուրդը, որին հանդիպում ես փողոցում (գոնե երիտասարդները), գործարանների բանվորները, որոնց այցելում ես, հանգստյան, մշակութային եւ ժամանցի վայրերում խառնված ամբոխը չունի նույն ժպտուն արտաքին տեսքը։ Ինչպես համատեղել այդ երջանիկ տեսքն այն սոսկալի թշվառության հետ, որի մեջ ներկայումս ինչպես հայտնի է, թաղված է մեծամասնությունը։

Նրանք, ովքեր շատ են շրջել ԽՍՀՄ֊ում, հավատացնում են, որ Վիլդրակը, Պոնսը եւ ես էլ կհիասթափվեինք, եթե թողնեինք մեծ կենտրոններն ու շեղվեինք տուրիստական երթուղիներից։ Նրանք վկայում են, որ շատ շրջաններում թշվառությունը դեռ աչքի է զարնում։ Եվ հետո…

Թշվառությունը ԽՍՀՄ֊ում անբարեհաճությամբ է դիտվում։ Այն թաքնվում է մեղսագործի նման։ Հակառակ դեպքում այն կարժանանար ոչ թե խղճմտանքի եւ օգնության պատրաստ ողորմածության, այլ արհամարհանքի։ Նրանք, ովքեր ցուցադրում են իրենց, մարդիկ են, որոնց բարօրությունը ձեռք է բերվել այդ թշվառության հաշվին։

Սակայն կան նաեւ մեծ թվով թշվառներ եւ նույնիսկ սովյալներ, որոնք պահպանում են իրենց ժպիտը, որոնց երջանկությունը, ինչպես ասում էի ես, բաղկացած է «վստահությունից, հույսից եւ անգիտությունից»[27]։

Եթե մադրիկ, որոնց մենք տեսնում ենք ԽՍՀՄ֊ում, ուրախ են թվում, դրա պատճառներից մեկն էլ այն է, որ ամեն բան, ինչը զվարթ չէ, կասկածելի է թվում, որ ծայրահեղ վտանգավոր է տխուր լինելը կամ գոնե իր տխրությունը ցույց տալը։ Ռուսաստանը գանգատների տեղ չէ, դրա համար կա Սիբիր։

  • * *
ԽՍՀՄ֊ը չափազանց արգասավոր է, որպեսզի թույլ տա այդ բողոքները եւ մարդկային ամբոխի մեջ անմիջեպես չերեւան մութ շերտեր։ Այդ ընդհանուր աղքատացումը ողբերգական է այնքանով, որ աննկատելի է։ Նրանք, ովքեր անհետանում են, որոնց անհետացնում են, ամենաարժանիներն են․ գուցե ոչ այնպես, ինչպես նյութական արտադրողականությունը, բայց նրանք տարբերվում եւ առանձնանում են ամբոխից, իսկ ամբոխն իր միասնությունն ու համանմանությունը պահպանում է միջակության մեջ, որը միտում ունի շարունակ ավելի ցածրանալու։ Այն, ինչ ԽՍՀՄ֊ում կոչում են ընդդիմություն, ազատ քննադատությունն է, մտքի ազատությունը։ Ստալինը հանդուրժում է միայն հավանությունը եւ հակառակորդ է համարում բոլոր նրանց, ովքեր չեն ծափահարում։ Հաճախ պատահում է, որ նա ժամանակի ընթացքում սեփականացնում է որեւէ առաջարկված բարեփոխում, բայց երբ տիրանում է գաղափարին, այն ավելի լավ յուրացնելու համար, նախ վերացնում է առաջարկողին։ Դա իրավացի լինելու նրա յուրահատուկ ձեւն է։ Այնպես որ, շուտով նրա կողքին կմնան միայն նրանք, ովքեր չեն կարողանա իրեն հակաճառել, քանզի այլեւս մտքեր չեն ունենա։ Դա է իսկական բռնակալությունը՝ շրջապատել իրեն ոչ թե արժանիներով, այլ հաճկատարներով։

Երբ որեւէ աշխատավոր կանգնում է դատի առջեւ, ինչպիսին էլ լինի այն գործը, որը նրան բերել է այդտեղ, եւ որքան էլ արդար լինի նրա դատը, վա՛յ այն փաստաբանին, որը կհամաձայնի վերցնել նրա պաշտպանությունը, եթե ղեկավարությունն ուզում է դատապարտել նրան։


Եվ աքսորյալնե՜ր, հազարավոր աքսորյալներ… մարդիկ, ովքեր չեն կամեցել, չեն կարողացել խոնարհել իրենց հավատը ինչպես եւ որքան պետք է։

Ես կարիք չունեմ մտածելու, ինչպես վերջերս X…ը՝ «Գրողը տանի, դա մի օր կարող էր պատահել եւ ինձ հետ»։ Ես շարունակ զգում եմ այդ զոհերի ներկայությունն իմ շուրջը, ես տեսնում եմ, լսում նրանց։ Նրանց խեղդված ճիչերն են ինձ արթնացնում գիշերը։ Նրանց լռությունն է այսօր ինձ թելադրում այս տողերը։ Այդ նահատակների մասին էի մտածում, երբ գրում էի այն տողերը, որոնց դեմ բողոքում եք դուք, քանզի նրանց լուռ երախտագիտությունը, եթե այս գիրքը հասնի նրանց, ինձ համար ավելի կարեւոր է, քան Պրավդայի գովեստներն ու անեծքները։

Ոչ ոք չի խոսում հօգուտ նրանց։ Աջ թերթերն ընդամենն օգտագործում են նրանց անունը, որպեսզի իրենց անբավականությունն արտահայտեն մի վարչակարգից, որ նրանք ատում են։ Նրանք, որոնց համար թանկ է ազատության եւ արդարության գաղափարը, որոնք մարտնչում են հանուն Թելմանի, այդ Բրբյուսները, Ռոման Ռոլանները պապանձվել են, լռում են․ իսկ նրանց շուրջը կուրացած պրոլետարների հսկա ամբոխն է։

Բայց երբ ես վրդովվում եմ, դուք ինձ բացատրում եք (եւ դեռ Մարքսի անունից), որ այդ անժխտելի եւ իրական չարիքը (չեմ խոսում միայն աքսորների, այլ նաեւ բանվորների թշվառության, աշխատավարձերի անբավարարության կամ աներեւակայելի մեծության, վերականգնված արտոնությունների, խորհուրդների լուծարման, 1917֊ի ճեռքբերումների աստիճանական կորուստի մասին) անհրաժեշտ էր, դո՛ւք, դիալեկտիկայի նրբություններից եւ փաստարկներից հեռացած մտավորականներդ, այն համարում եք ժամանակավոր եւ դեպի ավելի մեծ բարիքը բացվող դռան նախաշեմ։ Դո՛ւք, մտավորական կոմունիստներդ, համաձայնում եք ընդունել այդ չարիքը, բայց գտնում եք, որ ավելի լավ է այն թաքցնել նրանցից, ովքեր, ձեզնից պակաս խելացի լինելով, կարող են գուցե վրդովվել…


Ես չեմ կարող արգելել ոմանց՝ հօգուտ իրենց, օգտագործել իմ գրվածքները եւ եթե նույնիսկ կարողանայի, չէի կամենա։ Բայց որեւէ բան գրել հենց այն քաղաքական օգուտի նկատառումով, որ կարող են քաղել նրանից, ոչ, դա իմ գործը չէ։ Ես այդ մասին զգուշացրել էի իմ նոր կոմունիստ ընկերներին մեր հարաբերությունների սկզբից եւեթ, ես երբեք չեմ լինի նրանց հավաքագրված մեղսակիցը, նրանց մունետիկը։

«Կոմունիզմին հարող մտավորականները կուսակցության կողմից պետք է դիտվեն որպես «անհաստատ տարրեր», որոնցից կարելի է օգտվել, բայց որոնցից միշտ պետք է զգուշանալ»,— կարդացել եմ մի տեղ։ Ա՜խ, որքա՜ն ճիշտ է դա, ես դա քանիցս ասել եւ կրկնել եմ Վայան֊Կուտյուրիեին, բայց նա ոչինչ չէր ուզում լսել։

Ոչ մի կուսակցություն չի կարողանա խանգարել ինձ նրանից գերադասել ճշմարտությունը։ Ես ինձ անհանգիստ եմ զգում, հենց որ միջամտում է սուտը, իմ դերն այն մերկացնելն է։ Ճշմարտությունից եմ ես պինդ կառչել, եթե կուսակցությունը լքի այն, նույն պահին ես կլքեմ կուսակցությունը։

Ես շատ լավ գիտեմ (դուք ինձ բավական շատ եք ասել), որ «մարքսիստական տեսանկյունից» ճշմարտությունն գոյություն չունի բացարձակի մեջ, որ գոյություն ունի միայն հարաբերական ճշմարտություն։ Բայց հենց այդ հարաբերական ճշմարտության մասին է խոսքն այստեղ, որը դուք աղավաղում եք։ Եվ ես կարծում եմ, որ այդպիսի լուրջ հարցերում ուրիշներին խաբելը նշանակում է՝ ինքն իրեն խաբել։ Քանզի ում դուք խաբում եք, հենց նա է, որին հավակնում եք ծառայել՝ ժողովուրդը։

Իրերը պետք է տեսնել այնպես, ինչպես նրանք կան եւ ոչ այնպես, ինչպես կամենում եք, որ նրանք լինեն։ Վատ եք ծառայում ժողովրդին, երբ կուրացնում եք նրան։

ԽՍՀՄ֊ը այն չէ, ինչ մենք հույս ունեինք, որ կլիներ, ինչպիսին նա խոստացել էր լինել, ինչպիսին դեռ ջանում է երեւալ։ Նա ի դերեւս է արել մեր բոլորի հույսերը։ Եթե մենք չենք ուզում լիովին հրաժարվել այդ հույսերից, ապա պետք է փոխենք նրանց առարկան։

Բայց քեզնից մենք երես չենք թեքի, փառապանծ ու ցավատանջ Ռուսաստան։ Եթե սկզբում դու մեզ օրինակ էիր ծառայում, հիմա, ավա՜ղ, ցույց ես տալիս, թե ինչ ճահիճների մեջ կարող է խրվել «հեղափոխությունը»։

Հավելված

I — Ուղեկիցներ

Անչափ վախենալով, թե մենակ չեմ կարողանա գործը գլուխ բերել, հոգ էի տարել ինձ օգնական վերցնել հինգ ուղեկիցների։ Բայց նաեւ ցանկություն ունեի, որ նրանք եւս օգտվեին այդ ճանապարհորդության արտակարգ բարեհաճություններից ու հաճույքներից։ Նրանք բոլորն էլ ինձ նման նախապես հիացած, զմայլված, խանդավառված ու դյութված էին ԽՍՀՄ֊ով, նրա խոստումնալից ապագայով եւ վարչակարգի ջերմեռանդ համախոհներն էին։ Սակայն նրանք շատ տարբեր էին ինձնից եւ՛ տարիքով (բոլորն էլ ինձնից շատ երիտասարդ էին), եւ՛ խառնվածքով, եւ՛ կրթությամբ ու միջավայրով։ Նրանք տարբերվում էին նաեւ միմյանցից, բայց, չնայած դրան, մենք հիանալի հասկանում էինք իրար։ Այո, ես մտածում էի, որ լավ տեսնելու ու լսելու համար վեց զույգ աչքն ու ականջը չափազանց շատ չէր լինի, եւ կունենայինք տարբեր մարդկանց կարծիքներն ու վերաբերմունքը։

Այդ ուղեկիցներիս դուք արդեն գիտեք․ դրանք էին Ժեֆ Լաստը, Շիֆրենը, Էժեն Դաբին, Պիեռ Հերբերը, Լուիս Գիյուն։

Նրանցից երկուսը վաղուց արդեն մտել էին կուսակցության մեջ եւ շատ գործունյա ու անձնվեր անդամներ էին։ Երկուսը խոսում էին ռուսերեն։ Բացի այդ, Ժեֆ Լաստը չորրորդ անգամ էր ԽՍՀՄ֊ում։ Պիեռ Հերբարը արդեն վեց ամսից ավելի ապրում էր Մոսկվայում։ Նա այնտեղ ղեկավարում էր քաղոզչական մի ամսագիր, որը լույս էր տեսնում միանգամից չորս լեզվով՝ «Միջազգային գրականությունը»֊ը․ դա նրան թույլ էր տալիս միշտ իրազեկ եւ տեղյակ լինել բոլոր մեքենայություններին։ Դրանից բացի, օժտված էր եզակի խորաթափանցությամբ։ Նա, հիրավի, շատ օգնեց ինձ իր տեղեկություններով, այսինքն՝ բացատրեց որոշ երեւույթներ, որոնք ես ինքս, անշուշտ, չէի հասկանա։ Բերեմ մի փոքրիկ օրինակ։

Մոսկվա մեր ժամանելու հաջորդ օրը (Պիեռ Հերբարն ու ես ինքնաթիռով մեկնել էինք Փարիզից, ուր երեք օրով եկել էր Հերբարը, եւ այսպիսով, առաջ էինք անցել մեր մյուս ուղեկիցներից, որոնք տասը օր ուշ խորհրդային նավով պիտի ժամանեին Լենինգրադ) ինձ այցելեց Բուխարինը։ Այն ժամանակ նա դեռ հարգված էր։ Վերջին անգամ, երբ ներկայացել էր ինչ֊որ ժողովի, հասարակությունը նրան ընդունել էր բուռն ծափահարություններով։ Այնուհանդերձ, արդեն նկատվում էին անբարեհաճության որոշ ծածուկ նշաններ, եւ Պիեռ Հերբարն իր անսագրում նրա նշանակավոր հոդվածներից մեկը տպագրելու համար հանդիպել էր մեծ դիմադրության։ Այդ ամենը պետք էր իմանալ, իսկ ես իմացա միայն հետո։ Բուխարինը մենակ էր եկել, բայց դեռ չէր հասցրել մտնել «Մետրոպոլ» հյուրանոցում մեզ տրամադրված շքեղ համարի ընդունարանը, երբ հայտնվեց մի ինքնակոչ լրագրող եւ, խառնվելով մեր խոսակցությանը, թույլ չտվեց շարունակել։ Բուխարինն անմիջապես վեր կացավ, եւ քանի որ ես նրան ուղեկցեցի մինչեւ միջանցք, ասաց, որ հույս ունի նորից տեսնել ինձ։

Ես նրան կրկին հանդիպեցի երեք օր հետո, Գորկու հուղարկավորության ժամանակ կամ, ավելի ճիշտ, դրա նախորդ օրը, երբ ժողովուրդը մի քանի ժամ շարունակ անցնում էր հոյակերտ եւ ծաղիկներով ծածկված դիակառքի առջեւով, որի վրա հանգչում էր Գորկու դեռ չհրկիզված դին։ Դրա հարեւանությամբ մի ավելի փոքր դահլիճում կանգնել էին մի շարք «պատասխանատուներ», այդ թվում եւ Դիմիտրովը, որին դեռ չէի ճանաչում եւ նոր էի պատրաստվում ողջունել։ Նրա մոտ կանգնած էր Բուխարինը եւ, հենց ես հեռացա Դիմիտրովից, նա բռնեց թեւս եւ թեքվեց դեպի ինձ․

— Կարո՞ղ եմ մի ժամ հետո գալ Ձեզ մոտ՝ Մետրոպոլ։ Ուզում եմ խոսել Ձեզ հետ։

Պիեռ Հերբարը, որն ուղեկցում էր ինձ, լսեց այդ եւ ասաց ցածրաձայն․

— Գրազ կգամ, որ դա նրան չի հաջողվի։

Եվ իսկապես, Կոլցովը, որը տեսել էր, թե Բուխարինն ինչպես էր մոտեցել ինձ, անմիջապես մի կողմ տարավ նրան։ Չգիտեմ, թե ինչ կարող էր ասած լինել, բայց Մոսկվայում իմ գտնվելու ընթացքում ես այլեւս չտեսա Բուխարինին։

Առանց այդ փոքրիկ զգուշացման, ես կմնայի տարակուսանքի մեջ։ Պիտի այն վերագրեի նրա անտարբերությանն ու արհամարհանքին, մտածեի, որ, ի վերջո, երեւի Բուխարինն այնքան էլ չէր կամեցել ինձ տեսնել, բայց ոչ երբեք, որ չէր կարողացել։

Լենինգրադից, ուր Պիեռ Հերբարն ու ես գնացել էինք դիմավորելու Գիյուին, Շիֆրենին, Լաստին ու Դաբիին, վերադարձել էինք Մոսկվա մեր հատուկ վագոնով։ Մի քանի օր անց նույն վագոնը մեզ տանում էր Օրջոնիկիձե, հետո, Կովկասով անցնելիս, երեք հարմարավետ մեքենաներ մեզ հասցրին Թիֆլիս։ Վրաստանի մայրաքաղաք ժամանեցինք երթուղով նախատեսվածից մի օր ուշ, այդ պատճառով վրացի բանաստեղծները, որոնք սիրալիրությամբ եկել էին մինչեւ իրենց երկրի լեռնային սահմանը ինձ դիմավորելու, ստիպված էին եղել քսանչորս ժամ սպասել։ Առիթից օգտվում եմ՝ ասելու, թե որքան զգացված են նրանց սիրալիր ընդունելությունից, գերազանց քաղաքավարությունից եւ հույժ բարեհաճ, հյուրընկալ վերաբերմունքից։ Եթե ինչ֊որ հրաշքով այս գիրքը հասնի նրանց, թող իմանան, որ ես, հակառակ այն ամենին, ինչ ասել են նրանց, խորապես երախտապարտ եմ։

II

Թիֆլիսը, որից սկզբում շատ մեծ հիասթափություն էի ապրել, օրեցօր ավելի էր գրավում մեզ։ Այնտեղ մենք մնացինք երկու շաբաթ, իսկ հետո մեկնեցինք Կախեթ՝ զբոսանքի։ Այն հիասքանչ եւ անչափ հետաքրքիր վայր է բոլոր առումներով, բայց այնքան հարուստ տպավորություններով, որ Շիֆրենն ու Գիյուն, որոնք վարժված չէին ճանապարհորդության հոգնություններին, վերադարձին հայտարարեցին, որ արդեն բավական բան են տեսել ու զգացել եւ որ ուզում են վերադառնալ Ֆրանսիա։ Մենք ափսոսանքով բաժանվեցինք նրանցից, քանի որ նրանց ընկերակցությունը հրաշալի էր, բայց հետո հրճվեցինք, որ ստիպված չեղան տանել աճող շոգի պատճառած առավել մեծ հոգնածությունները։

Սակայն մեր ճանապարհորդության այդ երկրորդ մասը շատ առումներով ամենաուսանելին էր։ Մեզ ավելի քիչ պարտավորված էինք զգում, ավելի ազատ էինք պատրանքներից եւ ուղղակի հաղորդակցության մեջ մտանք ժողովրդի հետ, ու միայն Թիֆլիսից հետո մեր աչքերն իսկապես բացվեցին։

Արդեն քսան տարի է, ասում էին ոմանք, իսկ ոմանք էլ թե՝ հիսուն, որ այդքան բարձր ջերմաստիճան չէր եղել։ Բայց դա մեզ բոլորովին չէր ճնշում, եւ ոչ մի կերպ չէինք կարող կանխատեսել այն հիվանդությունը, որ երեք շաբաթ անց մեզնից պիտի խլեր Դաբիին։ Ես կամենում եմ վիճարկել, եւ մեծ վրդովմունքով, նրա հիվանդության վերաբերյալ մի շարք հորինվածքներ։ Քիչ անբարյացակամներն ասում էին, թե դա սխալ ախտորոշում էր։ Հնարավոր է, որ ԽՍՀՄ֊ում դա «քութեշ» են կոչում, եւ այդ անվան տակ հանդես են գալիս մի շարք ստրեպտոկոկային համանման վարակներ։ Դաբին չունեցավ այն սրտխառնոցները, որոնք, ըստ իս, բնորոշ են իսկական քութեշի սկզբնական շրջանին։ Փարիզ վերադառնալուց միառժամանակ անց ես մի բժշկական հանդեսում առիթ ունեցա տեսնելու հիվանդությունների վիճակագրական մի աղյուսակ եւ ապշեցի ԽՍՀՄ֊ում «քութեշի» հսկայական չափերից՝ ինչպես այլ երկրների, այնպես էլ ԽՍՀՄ֊ի այլ հիվանդությունների համեմատ։ Դա ինձ ենթադրել տվեց, որ ըստ երեւույթին ԽՍՀՄ֊ում այդ տերմինն ավելի լայն ու ընդգրկուն է, քան մեզ մոտ։ Բայց դրա հետ միասին (ինչը չի վերաբերում սխալ ախտորոշմանը, որը պատահում է եւ Փարիզում։ Ես դրա ցավալի օրինակների հետ բախվել էի Շառլ,Լուի Ֆիլիպի եւ Ժակ Ռիվիերի դեպքերում, որոնց սկզբում նշանակել էին հասարակ գրիպի բուժում եւ միայն շատ ուշ հայտնաբերել որովանային տիֆ) ես պնդում եմ, որ Դաբին շրջապատված էր ամենաանխոնջ եւ մշտական խնամքով Սեւաստոպոլի երեք լավագույն բժիշկների եւ ընկեր Բոլայի կողմից, որն այստեղ եւս ցուցաբերեց իձ անձնվիրությունը։

Ես պիտի բողոքեմ մի համոզմունքի դեմ՝ այս անգամ կապված Դաբիի օրագրերի հետ։ Դրանք նրան պատկանող մյուս բոլոր թղթերի հետ ես ուղարկեցի նրա ընտանիքին միառժամանակ պահելուց հետո, իհարկե, թեեւ նրանց մեջ ոչ մի բան չկար, որ կարողանար անհանգստացնել գրաքննադատությանը։ Դաբին ծայրահեղ զգուշավոր էր։ Նա ինձ բազմիցս ասել էր, որ խոսելիս հույսը դնում է ինձ վրա, հույժ զգուշանալով, որ իրեն չներքաշեն այնպիսի խոսակցությունների մեջ, որոնք կարող էին խանգարել նրա հանգիստն ու աշխատանքը[28]։ Համարյա միայն այդ աշխատանքի մասին էր մտածում նա վերջին օրերին, այն վեպի, որի մասին ինձ շատ էր պատմել եւ որը նա մտադիր էր վերսկսել ու ամբողջությամբ վերափոխել․ հիմա, երբ ավելի լավ էր պատկերացնում, թե ինչպիսին կկամենար, որ լիներ, եւ կարծում եմ, որ նա համարյա ոչինչ չէր պահպանի այն հարյուր էջից, որ արդեն գրել էր իր մեկնելուց առաջ։

— Կվերսկսեմ, հենց որ վերադառնամ,— անընդհատ ասում էր նա։

Եվ այդ ներքին պահանջը նրան այնպես էր ճնշում, որ որոշել էր անմիջապես մենակ վերադառնալ, եթե մենք հարկադրված ուշանայինք, ինչպես խոսք էր եղել Օդեսայում, իսկ հետո Կիեւում, վերադարձի ճանապարհին։

Դաբին բոլորիս նման վրդովված էր շատ բաներից, չնայած հիացմունքի արժանի բազմաթիվ երեւույթներին, այնուամենայնիվ, մեզ նման նա եւս հույս ուներ ԽՍՀՄ֊ում գտնել միայն վերջինները։ Անձամբ ելնելով ժողովրդի ծոցից եւ հոգով ու սրտով միեւնույն ժամանակ շատ քիչ էր օժտված մարտական ոգով՝ ավելի նման էր Սանչո Պանսային, քան Դոն Կիխոտին։ Նա իր իմաստության դասերն առել էր Մոնտեյնից եւ պնդում էր, որ կյանքն իր համար թանկ է ամեն իդեալից, որ ոչ մի իդեալ չարժի, որին զոհաբերես սեփական կյանքդ։ Նա շատ տագնապած էր թվում Իսպանիայի իրադարձություններից, նրա անհանգստությունը պայմանավորված էր նաեւ նրանով, որ մտքով իսկ չէր անցնում, թե կարելի էր մի պահ կասկածեի տակ դնել կառավարականների կոմնակիցների հաղթանակը։ Նրան բավական չէր միայն ձգտել եւ հավատալ այդ հաղթանակին, նա մշտական պահանջ ուներ այն հաստատ համարելու։ Սակայն նա չէր խրախուսում Ժեֆ Լաստին, երբ սա կամենում էր մեկնել Իսպանիա եւ մտնել (որ, իհարկե, նա արեց ավելի ուշ) աշխարհազորայինների շարքերը։

Մի երեկո Սեւաստոպոլում, այն օրվա նախօրյակին, որ մենք վերջին անգամ պիտի միասին անցկացնեինք․ նրան զայրացած տեսանք, նրան, որ սովորաբար այդքան հանդարտ էր։

Ժեֆ Լաստն ընդամենն ասել էր, թե կգերադասեր, որ իր երեխաները մեռնեին, քան ընկնեին ֆաշիստական տիրապետության տակ։

— Դա սոսկալի է, այն, ինչ ասում ես, գոռում էր Դաբին (առաջին անգամ էի լսում, որ նա այդպես բարձրացներ ձայնը), բռունցքով խփելով սեղանին, որի առջեւ մենք քիչ առաջ նախաճաշել էինք։

— Դա հրեշավոր է, դու իրավունք չունես զոհաբերել ուրիշների կյանքը ինչ֊որ գաղափարի համար, նույնիսկ քոնն իրավունք չունես։ Կյանքն ամեն ինչից ավելի թանկ է։

Նա ավելի երկար խոսեց՝ հանկարծակի դառնալով արտակարգ պերճախոս։ Ի դեպ, Ժեֆը՝ նույնպես, իսկ ես բավարարվում էի նրանց լսելով, հերթով համաձայնելով մեկի կամ մյուսի հետ՝ նայած թե ով էր խոսում, կամ, ավելի ճիշտ, առավել հիանում էի Ժեֆի կրքոտ խոսքով, իսկ ես համաձայնում էի Դաբիի ըմբոստ մտքի հետ։ Եվ մանավանդ մտածում էի, թե լավ էր, որ մարդկության մեջ կար եւ՛ մեկը, եւ՛ մյուսը, լավ էր, որ մեկը չափավորում էր մյուսին։

Բայց եւ անմիջապես միջամտեցի, երբ Ժեֆը, պատասխանելով Դաբիին, խոսք բացեց «վախկոտության» մասին, առակրելով, որ այդ բառը տեղին չէր եւ, որ եթե հաճախ մեծ քաջություն էր պետք կռվի գնալու համար, երբեմն էլ ոչ պակաս քաջություն է պետք նրանից հրաժարվելու համար։

Այս գրելով, հանկարծ հիշում եմ Ժիոնոյին եւ նրա «Հնազանդության մերժումը»։ Դաբին շատ էր սիրում Ժիոնոյին եւ որոշ կողմերով նման էր նրան։ Երկուսն էլ մեծապես ունեին «ապուրի համի» զգացողությունը (միայն նրանք, ովքեր նույնպես ունեն այդ զգացոությունը, կհասկանան, թե դա ինչ է նշանակում[29]

Մենք Վրաստանում հաճախ էինք խոսում Ժիոնոյի մասին, մտածելով, թե այդ վայրի ու բարեբեր երկիրը ճիշտ եւ ճիշտ ստեղվծած էր նրան դուր գալու համար․ մտածելով նաեւ, որ նա երբեմն֊երբեմն պետք է որ տառապած լիներ, այո՛, այն բոլոր տեղերում, ուր կորչում է «ապուրի համը»։

Հարցն այն չէ, որ Դաբին կորցրել էր ճանապարհորդության նկատմամբ հետաքրքրությունը․ նա պարզապես ավելի քիչ էր օգտվում նրա ընձեռած հնարավորություններից, ավելի ու ավելի հաճախ էր քաշվում ինքն իր մեջ, ընթերցելով, գրելով կամ բանաստեղծական փորձեր[30] անելով։ Նա կարդում էր «Մեռած հոգիների» թարգմանությունը, որ բերել էի ես, ու երբեմն ինձ ցույց էր տալիս մի հատված, որ գրավում էր իրեն։ Հատկապես Գոգոլի «Չորս նամակներից» մի քանի տող, որ տրված էր նրա պոեմի երկրորդ մասի սկզբում, եւ որը ես մեջ եմ բերել «Վերադարձ ԽՍՀՄ֊ից» գրքում, ու նաեւ այն մյուսները, որ ստիպում են մեզ կասկածել, թե արդյոք, ինչպես շատ հաճախ ասում են, իսկապե՞ս ոչինչ կամ համարյա ոչինչ չէր արվել ժողովրդի համար ցարերի օրոք․ համենայնդեպս ոչ այնպիսի բան, որով հնարավոր լիներ պարծենալ։

«Մոտ հարյուր հիսուն տարի է անցել այն օրից, ինչ Պետրոս I կայսրը բաց արեց մեր աչքերը, մեզ հաղորդակցելով եվրոպական արվեստին, եւ մեզ ընձեռեց գործելու բոլոր միջոցները»։

Այդ ժամանակից ի վեր կառավարությունը չի դադարել գործելուց․ այդ են վկայում կանոնադրությունների, հրամանագրերի, կարգադրությունների, ամբողջ հատորները, մի ողջ շարք շինություններ, հրատարակութչուններ, ամեն տեսակ դպրոցական, բարեգործական, մարդասիրական հաստատություններ, չհաշված նրանց, որոնց նմանը չեք գտնի օտարերկրյա կառավարությունների հաստատությունների մեջ»։

Եթե սա հերյուրանք է, ապա պարզ երեւում է, որ այսօր չի սկսվել։

II — Մի ճանապարհորդական օրագրից

Մշտապես բարեհամբույր Կոլցովն ասես անկեղծությունների աղբյուր է դարձել։ Ես լավ գիտեմ, որ նա չի ասի այն, ինչ հարմար չի գտնում ինձ ասել, բայց նա ուզում է անել այնպես, որ ես ինձ շոյված զգամ նրա վստահությունից։ Մի տոնով, որն ասես նշանակում է՝ «ձեզնից թաքցնելու ոչինչ չունեմ», նա սկսում է․

— Չեք կարող պատկերացնել, թե որքան տարօրինակորեն ամեն քայլափոխի նոր խնդիրներ են ծագում մեր առջեւ․ եւ մենք պետք է յուրաքանչյուրի համար նոր լուծումներ գտնենք։ Պատկերացրեք, որ հիմա լավագույն բանվորները՝ ստախանովականները, զանգվածաբար թողնում են գործարանները։

— Ինչո՞վ եք բացատրում։

—Օ՜հ, դա շատ պարզ է։ Նրանք այնքան բարձր աշխատավարձ են ստանում, որ ցանկության դեպքում իսկ չեն կարողանա այդքան ծախսել, քանզի շուկայում դեռ գնելու շատ քիչ բան կա։ Եվ դա էլ իր հերթին մտահոգության շատ լուրջ առարկա է մեզ համար։ Դրա շնորհիվ նրանք գումարներ են հավաքում, եւ երբ արդեն մի քանի հազար ռուբլու խնայողություն են ունենում, խմբով մեկնում են երջանիկ կյանք անցկացնելու մեր Ռիվիերայում։ Իսկ մենք չենք կարող նրանց ետ պահել։ Քանի որ նրանք լավագույն բանվորներն են, գիտեն, որ իրենց միշտ էլ ետ կվերցնեն։ Մեկ֊երկու ամիս հետո նրանք ետ են վերադառնում… Դե, երբ սպառվում են միջոցները։ Եվ մենք ստիպված ենք լինում նրանց կրկին ընդունել աշխատանքի։ Մենք չենք կարող առանց նրանց։

— Դե երեւի ձեզ մեծ գլխացավանք է պատճախում։ Իսկ նրանք շա՞տ են։

— Հազարներ։ Իմացեք նաեւ, որ յուրաքանչյուր բանվոր վճարովի արձակուրդի իրավունք ունի։ Այդ արձակուրդը նրանց տրվում է հարմար ժամանակ եւ, բնականաբար, ոչ բոլորին միասին, որպեսզի գործարանների աշխատանքը դրանից չտուժի։ Բայց այստեղ ամեն ինչ այլ է։ Այստեղ նրանք են վճարում եւ, բնականաբար, արձակուրդ էլ վերցնում են ըստ իրենց հայեցողության, երբ կամենում են, եւ բոլորը միանգամից։

Նա մեղմ ծիծաղում է։ Ես զսպում եմ ինձ, որ բարձր չարտասանեմ, բայց չեմ կարող չմտածել․ եթե այդ խնդիրն իսկապես լուրջ լիներ, նա այդպես չէր խոսի դրա մասին։ Բայց շուտով պարզվում է, որ դրանով ուզում է արժեքավորել Ստալինի մի ճարպիկ քայլը։ Չէ՞ որ նա է վճռել կրկին վերականգնել նորաձեւության հարցը, կրկին գործածության մեջ մտցնել կանացի արդուզարդի առակաները, հագուստները, զարդերը[31]։

— Դե՛, ընկերնե՛ր, խնամե՛ք ձեր տիկնանց, զարդարեք նրանց, ծախսեք նրանց համար։

Այս վերջին ժամանակներս մեծ թվով նոր խանութներ են բացվում, եւ ԽՍՀՄ֊ում ինձ քիչ զարմանք չպատճառեց մանիկյուրի առատությունն ու բոլոր կողմերից (հիմնականում, հասկանալի է, հիասքանչ) հանդիպող կարմիր եղունգներով կանայք։

  • * *


— Ամսական ինչքա՞ն եք ստանում,— հարցնում է ընկեր Հ֊ն X հյուրանոցի «Գեղեցկության սրահ» գրասենյակի հսկիչին։

— Հարյուր հիսուն ռուբլի։

— Բնակարան տալի՞ս են։

— Ո՛չ, ոչ էլ սնունդ։ Սենյակի համար առնվազն քսան ռուբլի է պետք։

— Նշանակում է՝ ձեզ մնում է հարյուր երեսուն ռուբլուց ավելի՞։ Իսկ սնունդը։

— Օ՜հ, երկու հարյուր ռուբլուց քիչ հնարավոր չէ ծախսել դրա համար։

— Բայց այդ դեպքում ի՞նչ եք անում։

Տխուր ժպտալով․

— Է՜հ, տիկին… մի կերպ հարմարվում ենք։

  • * *


Ժեֆը Սեւաստոպոլում ընկերացավ մի ուսանողի հետ, որի մեջ ոչ մի արտակարգ բան չկար, բայց որը նրան հետաքրքրում էր հենց այն պատճառով, որ նման էր շատ ուրիշների։ Ժեֆը տեղեկացավ նրա ով լինելու մասին եւ պատմեց մեզ։

X֊ը վարչակարգի ջերմ պաշտպաններից է, նա լի է հույսերով ու վստահությամբ։ Որպես առաջին կուրսի ուսանող ամսական վաթսուն ռուբլի թոշակ է ստանում։ Նա ուրիշ է՝ մտածելով, որ մյուս տարի կստանա յոթանասուն ռուբլի, իսկ երրորդ կուրսում՝ ութսուն ռուբլի։ Կարող էր ապրել ուսանողական հանրակացարանում, որտեղ հնարավոր է մեկ֊երկու ռուբլով ճաշել։ Բայց չի կամենում թողնել մորը՝ ոչ մի որակավորում չունեցող մի խոհարարուհու, որը ստանում է ամսական իննսուն ռուբլի։ Նրանք երկուսով ապրում են մի սենյակում, որի համար վճարում են ամսական տասը ռուբլի եւ ուտում են բացառապես սեւ հաց, այն էլ ոչ կուշտ (օրական չորս հարյուր գրամ)։ Բայց դա «լրիվ սնունդ» է, ասում է նա․ ոչ մի տրտունջ։ Նա դեռ հաճույքով ընկերուհուն էլ կբերեր այդ սենյակը, որտեղ արդեն երկուսով են։ Մայրն է հրավիրում այդ աղջկան եւ կուզենար, որ որդին ամուսնանար նրա հետ։ Բայց արհեստական վիժեցման դեմ ընդունված նոր օրենքը վախեցնում է նրան։

— Մտածեք ինքներդ, մեզ համար արդեն իսկ շատ դժվար է ապրել, իսկ եթե դեռ հարկ լինի պահել երեխայի… ա՜հ, գիտեմ, թե ինչ պիտի ասեք։ Բայց պահպանակներ հնարավոր չէ գտնել, կամ էլ նրանք այնքան անորակ են, որ չես կարող վստահել։ Իսկ զգուշությունների մասին մեր փոքրիկ սենյակում ավելորդ է խոսելը։

Հետո կրկին հաղթահարում է լավատեսությունը, եւ նա ուրախ եզրակացնում է, որ իր այդչափ վատ սնունդով ավելի լավ է ձեռնպահ մնալ։

Եթե հավատանք տեղացի մի բժշկի հավաստիացմանը, օնանիզմը ամենից շատ տարածված է ԽՍՀՄ֊ում։

  • * *


Ուսումնասիրվում են նոր կառույցներ։ Ճարտարապետ X֊ն առաջարկում է բնակարանների նախագծեր։

— Այս ի՞նչ տարածություն է։

— Սպասուհու սենյակը։

— Սպասուհո՞ւ, բայց ասում էիք, թե ԽՍՀՄ֊ում այլեւս սպասուհիներ չկան։

Եվ քանի որ տեսականորեն ոչ մի սպասուհի էլ չկա, ապա դա հիանալի պատճառ է, որպեսզի նրան քնեցնեն միջանցքում, խոհանոցում կամ որեւէ այլ տեղ։

Ինչպիսի խոստովանություն կլիներ նրա համար սենյակ նախագծելը։ Եթե, այնուհանդերձ, ԽՍՀՄ֊ում դեռ ծառաներ կան, ապա ավելի վատ նրանց համար։

Մոսկվայում այն սպասուհիները, ովքեր իրենց ծառայություններն են առաջարկում ամսական հիսուն ռուբլով, համարյա բոլորն էլ աղքատ աղջիկներ են, որ գյուղից եկել են քաղաք՝ գործարանում կամ մի որեւէ այլ տեղ աշխատանք գտնելու հույսով։ Մինչ այդ նրանք տեղավորվում են այդպես, սպասելով, որը հերթ կանգնելու ձեւ է։ Իմ ընկեր X֊ի հարեւանի սպասուհին հղի է։ Հարեւանները նրան ընդունել են խղճահարությունից։ Այդ կինը քնում է մի այնպիսի անկյունում, ուր ոտքերը տարածելու տեղ չունի։ Ինչ վերաբերում է սննդին…

Նա եկել էր գանգատվելու իմ ընկերների մոտ․

— Գոնե տիկինը չգցի կերակրի մնացորդները։

Նա դրանք վերցնում է աղբարկղից։

  • * *


Աստված վկա, ես բոլորովին չեմ հավակնում պնդել, որ այդ պաշտոնական դատողությունները, ձեւավորված կարծիքի կաղապարները վերաբերում են յուրաքանչյուրին։ Որոշ անուններ, մասնավորապես Եսենինինը, արտասանվում են միայն ցածրաձայն, բայց արտասվում են, ավելի ճիշտ կլինի ասել, դեռ արտասանվում են, բայց ցածրաձայն։ Ես շատ վատ գիտեմ Եսենինի պոեզիան, բայց մի փոքրիկ դեպք, որ հիմա կպատմեմ, իմ մեջ նրան կարդալու մեծ ցանկություն առաջացրեց։ Եսենինն ինքնասպան է եղել, ինչպես Մայակովսկին։ Ասում են, թե դա սենտիմենտալ պատմություն է․ հնարավոր է։ Բայց մենք ազատ ենք ենթադրելու, որ այդ ինքնասպանությունն ունեցել է որեւէ այլ, առավել խոր պատճառ։

Այսպես, մի երեկո Սոչիում, մի շքեղ ճաշկերույթից հետո, անկեղծություններն սկսել էին նորից աղբյուրի նման հոսել։ Գինիներն ու օղին օգնում էին դրան։ Հատկապես X֊ը խմել էր հարբեցողի նման ու սկսել էր քնարական զեղումներ անել։ Մեր ուղեկցողը փոքր ինչ անհանգստություն էր ցուցաբերում։ X֊ը կարող էր ավելորդ բաներ խոսել… Հենց նոր հայտարարել էր, թե Եսենինից բանաստեղծություն պիտի արտասաներ մեզ համար։ Ուղեկցողն անմիջապես մտավ խոսակցության մեջ․

— Դուք լրիվ հարբած եք։ Չեք էլ հասկանում, թե ինչ եք ասում, լռե՛ք…

Այդժամ X֊ը գիտակից եւ զուսպ, չնայած իր հարբած վիճակին, առժամանակ լռեց․ հետո օգտվելով դրանից՝ խնդրեց ուղեկցողին շնորհ անել ու գնալ՝ իր համար մի տուփ ծխախոտ բերելու։ Եվ հենց ուղեկցողը հեռացավ, X֊ը սկսեց արտասանել մի բանաստեղծություն, որը բերանից բերան էր անցնում այն պահից, ինչ մերժել էին այն հրատարակել։ Այդ բանաստեղծությունը Եսենինը գրել էր ի պատասխան մի սրբապիղծ հոդվածի։

«Երբ դու ծառանում ես տերտերների դեմ,— ըստ էության ասում էր Եսենինը՝ դիմելով հոդվածի հեղինակին,— մենք խրախուսում ենք քեզ։ Քեզ հետ ենք, երբ ծաղրում ես երկինքն ու դժոխքը, Սուրբ Կույսին ու Տեր Աստծուն։ Բայց երբ խոսում ես Քրիստոսի մասին, զգույշ եղիր։ Մի՛ մոռանա, որ նա, ով իր կյանքը տվեց հանուն մարդկության, երկրի մեծերի հետ չէր, այլ շնորհազուրկների ու աղքատների հետ եւ <i>Աստծո որդի կոչվելով, իր մեծագույն փառքը գտնում էր, թույլ տալով, որ իրեն անվանեն Մարդու որդի։

Միայն գինովությունից չէր, որ դողում էր նրա ձայնը, երբ նա արտասանում էր այս բանաստեղծությունը, եւ երբ վերջացրեց, աչքերը լցվեցին արցունքներով։ Մենք ողջ երեկոյի ընթացքում մի քանի փուչ խոսքեր էինք փոխանակել… Բայց ոչ․ այսպես ասելով՝ ես անարդար եմ X֊ի եւ նաեւ մեր նկատմամբ։ X֊ը մեզ աստիճանաբար ոգեշնչել էր, մենք զմայլվել էինք՝ լսելով Չինաստանում նրա անզուգական արկածների, գերության ու փախուստների պատմությունը։ Չի կարելի ասել, թե նա գեղեցիկ էր, բայց դիմագծերում կար մի վայրի ոգի, նրա միաժամանակ խռպոտ ու ջերմ ձայնը, երբ արտասանում էր մեզ այդ բանաստեղծությունը, մի արտակարգ քաղցրություն էր ստացել, որը բոլորովին անհամատեղելի էր նրա քիչ առաջվա խոսքերի ցինիզմի ու կոպտության հետ։ Նրա մեջ ասես կային քնքշանքի թաքուն կտորներ, մի ողջ չբացահայտված գոտի, որն ինձ հանկարծ թվաց ամենաիսկականը, իսկ մնացած ամեն ինչ, ցինիզմն ու կոպտությունն իմ աչքին դարձան նրա հոգու ողջ լավագույնի մակերեսային պաշտպանական ծածկույթը։ Այդ անճիշտ տեսիլքը տեւեց միայն մի պահ։ Ուղեկցողը վերադարձավ, եւ խոսակցությունը կրկին մտավ նախկին աղմկոտ ու անիմաստ հունի մեջ։[32]


Մի անհարմար վագոնում երեք ժամ դեմառդեմ գտնվելուց հետո է միայն այդ երիտասարդ ռուսը վճռում խոսել իմ բարեկամուհի ընկեր Հ֊ի հետ, որի ասելով՝ այդ երիտասարդը ճանապարհորդության հենց սկզբից գրավել էր նրա ուշադրությունն ու համակրանքը։

«Նա երեսուն տարեկանից ավելի չէր լինի, բայց արդեն իսկ կյանքից խորապես հոգնած էր թվում։ Ինչ հաճոյախոսություն ասես, որ չէի արել, որպեսզի իմ հարցերին միայն խուսափողական պատասխաններ չտար։ Հատկապես ջանացել էի ասել, որ ընդամենը օտարերկրացի եմ, եւ որ նա ինձնից վախենալու ոչինչ չունի, որ ես ոչ ոքի չեմ պատմելու իր ասածները… Կինն ուղեկցում էր նրան երեքամյա որդու հետ։ Ես իմացա, որ նա երկու ուրիշ երեխա էր թողել X֊ում խնայողություն անելու համար, հաստատ չիմանալով, թե ինչ էր գտնելու Մոսկվայում։

Այդ կինը պիտի որ գեղեցիկ լիներ, բայց ասես նոր էր առողջացել ինչ֊որ հիվանդությունից։ Ի զարմանս ինձ, մի քանի անգամ տեսա, թե ինչպես էր նա կուրծք տալիս այդ երեխային, որին վաղուց պետք էր արդեն կտրել դրանից, կուրծքը կախվել էր դատարի տիկի նման, եւ չգիտեմ, թե երեխան ինչ էր ծծում նրանից, բայց ողջ ճանապարհի ընթացքում նա ուրիշ կերակուր չընդունեց։ Նրա ծնողներն ավելի քաղցած էին երեւում, քան ինքը։ Երբ տղամարդն, ի վերջո, սկսեց խոսել, երիտասարդ կինն անասելի անհանգստության նշաններ ցույց տվեց։ Նա նայեց չորս կողմը՝ տեսնելու, թե արդյոք որեւէ հարեւան կարո՞ղ էր լսել իրենց։ Բայց մեր խցում միայն մի ծեր, քնած հարբեցող կար ու մի հիմար գեղջկուհի։ Եվ ասես ներողություն խնդրելով, ասաց․

— Նա միշտ չափազանց ավելորդ բաներ է խոսում, դրա պատճառով ենք մենք միշտ տուժում։

Իսկ նա ինձ պատմում էր իրենց կյանքը․ ամեն ինչ շատ լավ էր եղել մինչեւ Կիրովի սպանությունը։ Հետո չգիտեր, թե ինչ մատնության պատճառով նրան սկսել էին կասկածել։ Քանի որ շատ լավ բանվոր էր, ու նրան կշտամբելու ոչինչ չունեին, անմիջապես չէին հեռացրել գործարանից, որտեղ աշխատում էր։ Բայց նրա բոլոր ընկերներն ու բարեկամները մեկառմեկ երես էին թեքել։ Յուրաքանչյուրը վախենում էր, նրա հետ խոսելով, վարկաբեկել իրեն։ Ի վերջո, գործարանի տնօրենը կանչել էր եւ առանց ուղղակի աշխատանքից ազատելու, որի համար ոչ մի հիմք չուներ, խորհուրդ էր տվել՝ գնալ այլ տեղ աշխատանք որոնելու։ Այդ օրվանից նա թափառել էր մի գործարանից մյուսը, մի քաղաքից մյուսը՝ ավելի ու ավելի կասկածելի դառնալով, հետապնդվելով, ամենուր հանդիպելով միայն անվստահության, մերժվելով, վանվելով, չունենալով ոչ մի ապավեն, ոչ մի տեղից օգնություն չսպասելով, երեխաների համար եւս ոչինչ չստանալով՝ դատապարտված սոսկալի թշվառության։

— Ահա արդեն մի տարուց ավելի է, ինչ դա շարունակվում է, — ասում է կինը, — մենք այլեւս չենք կարող դիմանալ։ Մի տարուց ավելի մեզ ոչ մի տեղ տասնհինգ օրից ավելի չեն հանդուրժում։

— Եթե գոնե միայն հասկանայի, — ասաց ամուսինը, — թե ինչում են ինձ մեղադրում։ Ինչ֊որ մեկն, անշուշտ, խոսել է իմ դեմ, Չգիտեմ՝ ով։ Չգիտեմ՝ ինչ է ասել։ Գիտեմ միայն, որ ինձ ոչ մի բանում չեն կարող հանդիմանել։

Հետո բացատրեց, որ վճռել էր գնալ Մոսկվա եւ տեղեկանալ, արդարանալ, եթե հնարավոր լիներ, կամ վերջնականապես կորչել՝ բողոքելով անհիմն կասկածանքի դեմ։


Կան ութսուն կոպեկանոց կամ նույնիսկ վաթսուն կոպեկանոց ծխախոտի տուփեր։ Դրանք կոչվում են «պրոլետարական»․ գարշելի բաներ են։ «Պապիրոսները», որ մենք ծխում ենք, միակ բանը, որին ծանոթ են օտարերկրացիները (դրանցից մի քանիսը կոչվում են «Ինտուրիստ»), արժեն հինգ֊վեց ռուբլի, ամեն տուփում քսան գլանակ։ Կան նաեւ ավելի թանկերը։

— Ինչքանո՞վ։

— Հինգ ռուբլով։

Բանվորը, որ հիանալի տրամադրության մեջ էր, ծիծաղում է՝ ասելով․

— Մի օրվա աշխատավարձ։


Տիկին X֊ը մի պտույտ է գործում Մոսկվայի արվարձաններում «պատասխանատուներից» մեկի հետ (այնտեղ այդպես են կոչում ղեկավար իշխանություններին)։ Վերջինս ցուցադրաբար եւ շատ մտերմաբար է վարվում բոլոր բանվորների հետ․ «Ես ուզում եմ, որ նրանք ինձ հետ հավասար զգան։ Նրանց հետ ես խոսում եմ ինչպես ընկերոջ, եղբոր հետ, եւ նրանք երբեք չեն վախենում ինձ հետ խոսել»։

Հանդիպում ենք մի հողագործի, եւ ի ապացույց այն բանի, ինչ նա ասել էր քիչ առաջ, պատասխանատուն սկսում է․

— Դե ինչ, բարեկամս, ինչպե՞ս եք, գո՞հ եք։

Իսկ մյուսը՝ թե․

Թույլ կտայի՞ք, ընկեր, մի հարց տալ ձեզ։

— Դե իհարկե, բարեկամս, ես հենց նրա համար եմ, որ պատասխանեմ ձեր հարցերին։

— Դուք քաջ տեղյակ եք ամեն ինչին եւ, անկասկած, կարող եք ինձ տեղեկություն տալ, ե՞րբ կլինի այնպես, որ մենք աշխատենք մեր ուժերին համապատասխան եւ կուշտ փորով հաց ուտենք։

— Եվ ի՞նչ ասաց պատասխանատուն, — իմ հերթին հարցնում եմ տիկին X֊ին։

— Խեղճի գլխին գաղափարախոսական քարոզ կարդաց։


Մեքենայով գնում ենք դեպի Բաթում։ Ընկերներս հիանում են ճանապարհի երկու կողմերին նոր տնկված ծառերով, որոնք մի քանի տարի հետո ստվեր կնետեն։ Չկամեցա նրանց նկատել տալ, որ այդ բոլոր ծառերի մեջ չկար մեկը, որը մեռած չլիներ, ուզում եմ ասել, որ նրանք տնկվել էին ոչ ժամանակին, մի եղանակի, որը նրանց աճին չէր կարող նպաստել, եւ ենթադրում եմ՝ ի պատասխան վերեւից եկած մի հրամանի, որը շատ կարեւոր էր կատարել առանց քննադատությունների։ Թող բնությունն ինքը հարմարվի, լինեն դրանք ծառեր, թե մարդիկ։


Այստեղ (Սուխումում) մեծ թվով կապիկներ են բազմացնում «Վորոնով» պատվաստների եւ այլ տարբեր փորձարկումների համար։ Ես ուզում էի իմանալ այդ կենդանիների ծագումը, բայց տեղեկությունն այստեղ նույնքան բազմազան ու հակասական է, որքան գաղութներում։ Մարդկանց մեծ մասին դուր են գալիս անորոշությունն ու երկարաբանությունները, հատկապես այն հմայիչ ընկերուհուն, որը մեր թարգմանչուհին ու ուղեկցողն է։ Ի դեպ, նրան ոչինչ չի շփոթեցնում, նա պատասխան է գտնում ամեն ինչին եւ որքան ավելի անտեղյակ է, այնքան ավելի վստահ է խոսում։ Բայց նա անտեղյակ է՝ առանց իմանալու։ Եվ նրա շնորհիվ ես շատ լավ յուրացնում եմ մի բան․ որ չգիտակցված անգիտությունը ծնում է մեծ հաստատումներ։ Այդ մարդկանց միտքը պաստառվում է կեղծ թղթերով, նամակներով…

— Կարելի՞ է իմանալ, թե ո՞ր երկրից են բերել այս կապիկներին։

— Բնականաբար, դա շատ հեշտ է (նա իր հերթին հարցաքննում է մեզ ուղեկցող մի անձնավորության)։

— Այս կապիկների մեծ մասը ծնվել են հենց այստեղ։ Այո՛, նրանք համարյա բոլորն էլ այստեղ են ծնվել։

— Բայց մեզ ասում էին, որ ձեր երկրում կապիկներ չկան։ Ուրմեն դուք սկզբում ինչ֊որ տեղից բերել եք նրանց։

— Բնականաբար։

— Ուրմեն, որտեղի՞ց եք բերել։

Եվ առանց այլեւայլ մտորումների, շտապ ու վստահորեն պատասխանում է․

— Համարյա ամեն տեղից։

Մեր հմայիչ ուղեկցողուհին կատարելապես սիրալիր ու անձնվեր է։ Բայց մի բան շատ հոգնեցուցիչ է։ Նրա տված տեղեկությունների ճշգրտությունը պարզվում է միայն սխալների մեջ։

==Վերջդառնալով Փարիզ==


— Ո՞ր գրողի ծոցում եք տեսել, որ այդ մեծ ղեկավարներն այդ աստիճան արտոնյալ լինեն, — ասում է ինձ անզուգական Ս֊ն, որն այնտեղից վերադարձել է ամբողջովին շլացած։

Ես շատ եմ այցելել Կ֊ին, այնքան պարզ ու սիրալիր է, նա ինձ տարավ իր բնակարանը, որտեղ ես չգտա ոչ շքեղություն, ոչ ցոփություն։ Նա ինձ ներկայացրեց իր կնոջը, որը նույնքան հմայիչ ու հասարակ է, որքան ինքը։

— Ո՞ր մեկը։

— Ինչպես թե որ մեկը, նրա կինը, դե…

— Ա՜հ, այո, օրինականը… Դուք չգիտեք, որ նա երեքն ունի եւ երկու այլ բնակարան, չհաշված ամառանոցները։ Եվ երեք մեքենա, որոնցից դուք միայն ամենահամեստն եք տեսել, այն, որ ծառայում է նրա օրինական ընկանիքին…

— Դա անհնար է…

— Դա ոչ միայն հնարավոր է, այլեւ այդպես է։

— Բայց իչնպե՞ս է հանդուրժում կուսակցությունը, ինչպես է Ստալինը…

— Դե, այդքան միամին մի եղեք։ Ումից որ վախենում է Ստալինը, մաքուր մարդիկ են՝ աղքատները։

==ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ==
Դոկտոր Ա․ Դընիե
Պենի աշտարակ (Իզեր)
4 դեկտեմբերի, 1936թ․
Պարոն
Ես Մոսկայում էի Գորկու հուղարկավորության օրը, լսեցի ձեր ելույթը, եւ այն ինձ վիշտ պատճառեց, քանզի, իմանալով ձեր անկեղծությունը, վախենում էի, որ ձեր ողջ ճանապարհորդությունը մի երկարաձիգ խաբկանք դառնար։ Բայց ես ընթերցեցի ձեր «Վերադարձ ԽՍՀՄ֊ից» գործը եւ ազատ շունչ քաշեցի։ Ես գնացել էի Ռուսաստան՝ այնտեղ աշխատելու մի շարք կենսաբանական֊ֆիզիկական հարցերի վրա։ Ազատ էի ապրում, գործընկերներիս հետ՝ հեռու ամեն տեսակի պաշտոնականություններից ու թարգմանիչներից, մեր հարաբերություններն անկեղծ էին, եւ ես տանջվում էի՝ ճանաչելով նրանց էությունը։ Դուք շատ ճիշտ եք նկատել․ ոչ հարմարվողականությունը բացառված է կյանքում, իմ բոլոր գործընկերները, որոնք փքված ու ցուցամոլ էին, իրենց ներսում բանտարկում էին գրելու ու մտածելու ամենայն հնարավոր դրսեւորում․ պարտադիր նորմերին պետք էր մշտապես հետեւել՝ նույնիսկ շարժումների մեջ։ Եվ այդպիսով իմ ազատակամ ընկերները, որոնցից ոմանք գործնական աշխատողներ էին, ոմնաք հայտնի պրոֆեսորներ, հարկադրաբար ձեռք էին բերել երկու անհատականություն․ արտաքինը, որը տեսանելի է, որը խոսում ու ներկայանում է դրսի աշխարհին, եւ մյուսը, որը նրանք թաքցնում են իրենց մեջ եւ որը բացահայտում են միայն երկարատեո մտերմությունից հետո։
Հարգանքներիս հավաստիքը։
Ա․ Դընիե
==<i>Հատված 1936֊ի հոկտեմբերին բժշկական ֆակուլտետում ներկայացված մի հաղորդագրությունից։==


Ո՞վ կարող է բժիշկ լինել ԽՍՀՄ֊ում։ Բանվորները, եթե աշխատանքից հետո դասեր լսեն ինստիտուտում, կամ էլ ամսական 110 ռ․ ստացող ուսանողները։

Նրանք տաս֊տասնհինգ հոգով բնակվում են ընդհանուր սենյակներում։ Նրանց վարձատրությունը ավելացնում են կամ կրճատում են ըստ քննության արդյունքների։ Ֆակուլտետն ավարտելուց հետո նրանց ուղարկում են գյուղերը՝ փոխարինելու բժշկի օգնականին կամ բուժքրոջը։ Ներկայում շուրջ հարյուր հազար բժիշկ կա, բայց պարզվում է, որ անհրաժեշտ է չորս հարյուր հազար։

Դեռ երկու տարի առաջ բժիշկներին վճարում էին ամսական հարյուր տասը ռուբլի․ այնքան անբավարար մի գումար, որ որոշ բժիշկներ ստիպված անցնում էին շատ ավելի լավ վճարվող բանվոր֊տեխնիկի մասնագիտությանը։ Երիտասարդ ուժերի հավաքագրումը շատ դժվար էր, կանայք թվով գերակշռում էին։ Այդ ժամանակ միայն նկատեցին, որ թեեւ բժիշկը ոչինչ չէր արտադրում պլանի ընթացքում, բայց նա անհրաժեշտ էր պետությանը։ Նրա աշխատավարձը բարձրացվեց մինչեւ չորս հարյուր ռուբլու։ Հետո բարձրացրին ուսման մակարդակը, որը մինչ այդ կարող էր տալ միայն բժշկի օգնականի որակավորում։

… Ֆակուլտետի 1930, 31, 32, 33 թվականների բոլոր շրջանավարտներն անբավարար գիտելիքներ ունեն․ նրանք ստիպված են վեց ամսով վերադառնել ֆակուլտետ՝ կատարելագործվելու։

… Աշխատաժամի այդ չափը կարող էր նպաստավոր լինել․ բայց այն, ինչ ասացի, ընդամենը տեսություն է, քանզի հազվագյուտ են նրանք, ովքեր աշխատում են վեց ժամ։ Քանի որ սովորաբար աշխատավարձը չորս հարյուր ռուբլուց ավելի չէ, որն անբավարար է ապրելու համար, բժիշկը երկու֊երեք ֆունկցիա է կատարում 800-1200 ռուբլի ունենալու համար, քանզի պետք է հաշվի առնել նաեւ ռուբլու գնողունակությունը․ մի շատ հասարակ զգեստն արժի 800 ռ․, լավ կոշիկները՝ 200֊300 ռ․, 1 կգ հացը՝ 1.90 ռ․, 1 մետր մահուդը՝ 100 ռ․, բացի այդ, մինչեւ 1936 թ․ մեկ ամսվա աշխատավարձը պարտադիր վճարվում էր պետությանը՝ փոխառության դիմաց։ Միայն այն սենյակը, որտեղ ապրում է բժիշկն իր ընտանիքով, որը միաժամանակ եւ՛ ճաշասենյակ է՝ եւ՛ ննջասենյակ, եւ՛ գրադարան, եւ՛ խոհանոց եւ այլն, արժի ամսական 50 ռ․։ Եվ դեռ երջանիկ է նա, եթե երեխաներ չունի։

Իմ գործընկերների նյութական պայմանները շատ ծանր են, բայց ամենաանտանելին բարոյական պարտադրողականությունն է։ Նա պիտի հաշվի նստի իր դռնապանի հետ, որը ՔՊԽ֊ի անդամ է։ Նա չի կարող իր ողջ մտադրությունը հայտնել հիվանդանոցի իր գործընկերոջը եւ պատերազմի ժամանակ մեզ մոտ տարածված «Լռե՜ք, զգուշացե՜ք, թշնամու ականջները լսում են ձեզ» ասույթը շատ արդիական է այնտեղ։

… Իմ գործընկերներից մեկը՝ Գիտությունների ակադեմիայի անդամ, երկու տարի անկցացրել է բանտում․ օտարերկրացիներին ասում էին, թե նա հիվանդ է։ Մեկ ուրիշի լաբորատորիաններն ու ամբիոնը փակվում են կոմունիստական կարծիքի տեսություններին չհամապատասխանող մի գիտական կարծիքի արտահայտման համար։ Նրան հարկադրել են գրել հրաժարական բաց նամակ, ինչպես Գալիլեյին՝ աքսորից խուսափելու համար։ Ինչո՞ւ այդպես էլ չկարողացա տեսնել ազատակամ մի ընկերոջ, որին ուզում էի տեսնել, թեեւ նա ներկա էր։ Իմ հեռագիրը նրան հասել է այցելությունիցս մեկ ամիս հետո․ երբ ես փորձեցի նրան գտնել, ինձ ասացին, որ նա բացակայում է․ մինչդեռ նա այնտեղ էր։

Փարիզ, 29 նոյեմբերի 1936 թ․
Պարոն


Երբ ձեզ տեսա Սոչիում, վախեցա, որ դուք եւս խաբված լինեք եւ փառաբանեք նոր վարչակարգը պաշտպանի ու կողմնակցի ոգով (առաջընթացի ամենասարսափելի թշնամին)։ Բայց ձեր գրքի ընթերցումն ինձ մեծ հաճույք պատճառեց։

Լավ իմանալով ռուսերեն, սեփական աչքերով տեսնելով, սեփական ականջներով լսելով այն, ինչ դուք եք տեսել ու լսել՝ ես լիովին համաձայն եմ ձեզ հետ եւ երախտապարտ եմ, որ համարձակվել եք այդ ասել։

Ի նշան շատ համեստ շնորհակալության, թույլ տվեք ձեզ ուղարկել իմ մի քանի գրառումները, որ ես արել եմ այնտեղ։

Տա՛ Աստված, որ մեր Ֆրանսիան կարողանա խելամիտ հավասարակշռությամբ հարթել իր նոր ճանապարհը։

Երեք տարի ընդմիջումից հետո երրորդ անգամ վերադառնում եմ Ռուսաստան։ Հասարակության տականքներով եւ նրանց դաժանությամբ հեղեղված այդ վարչակարգում սկզբնական շրջանում ոտնահարված էին արվեստը, մշակույթը, զգացմունքները։

Դա բարբարոսական արշավանքների ժամանակակից տարբերակն է։ Հեղափոխությունից քսան տարի է անցել, բայց դեռ գոյատեւում են երկրորդ եւ երրորդ կարգի վագոնները։ Մի մեծ ռուսական նավի վրա, որը վերջերս է կառուցվել, ուղեւորների 75 տոկոսը ճանապարհորդում է երրորդ կարգով, 20 տոկոսը՝ երկրորդով, 5 տոկոսը՝ առաջինով։ Նույնը կարելի է ասել եւ սննդի, հագուստի ու հյուրանոցների մասին։ Ովքեր կարող են վճարել դրանց համար, օգտվում են լավագույն տեղերից։

Բանվորն աշխատում է 40 ժամ 5 օրվա ընթացքում։ Տարվա մեջ նա ընդամենը 5 ազատ օր ունի եւ պաշտոնապես 400 ժամ ավելի է աշխատում, քան Ֆրանսիայի բանվորը, որի լրացուցիչ աշխատանքը կազմում է 40 ժամ։ Բայց աշխատավարձն այնքան ցածր է, որ նա շատ հաճախ մեկի փոխարեն աշխատում է 1,5 կամ 2 օր, այսինքն՝ 12֊16 ժամ երկու տարբեր տեղերում։

Գործավարձով աշխատանքը դեռ գոյություն ունի եւ նույնիսկ ավելի, քան երբեւէ։ Ով ի վիճակի է այդ աշխատանքին, վաստակում է ավելի, քան իր ընկերը, որը նախանձում է նրան, քանզի նրանից պակաս ճարպիկ է։ Երբ աշխատանք չկա, բանվորը մնում է անգործ եւ առանց աշխատավարձի։

Պետությունը զգացմունքների համար ժամանակ չունի․ երբ աշխատանք ունի, տալիս է բանվորին, որը պետք է անի արագ եւ լավ, երբ այլեւս չունի, բանվորին է թողնում սոված չմեռնելու համար մեկ այլ գործ գտնելու հույսը։

Փոքրոգությունը, նախանձը ամենում նույնն են։ «Հարվածային» կոչված բարեխիղճ ու խելացի բանվորը կարողանում է ավելի վաստակել, քան իր ընկերը, եւ նրա վճարովի հանգիստը երկու շաբաթի փոխարեն կարող է տեւել մեկ ամիս։ Ջանասիրությունը ընդհանուրի կողմից հովանավորվում է եւ վարձատրվում, սակայն ֆավորիտիզմը դեռ չի կորցրել իր իրավունքները եւ բազմաթիվ համեստ արժանիքներ՝ Կենտրոնի աչքերից հեռու ամբողջովին մնում են անհայտության մեջ։

Նրանք, ովքեր խորամանկ են ու փառասեր, շատ խելացի կամ լավ բարեկամներ ունեն, իրենց համար ստեղծում են ծայրահեղ արտոնյալ դիրք։ Ամսական աշխատավարձը հասնում է 150֊5000 ռուբլու։ Ոմանք շատ ավելի քիչ են ստանում, իսկ ոմանք՝ ավելի շատ։

65 տարեկանում, 25 տարի որպես գործավոր ծառայելուց հետո, ստանում է 34 ռուբլի թոշակ։ Ովքեր խելամտություն չեն ունեցել խնայողություններ անել եւ չեն կամենում բեռ լինել իրենց զավակներին, շարունակում են աշխատել․ եւ նրանք մեծամասնություն են կազմում։ Երկրի վերակառուցման շրջանում բնակչության ակտիվությունը հասավ այն աստիճանի, որին հասել էր մեզ մոտ պատերազմից հետո։ Բայց դա, եւ հատկապես Ռուսաստանում, անպայման չէր նշանակում հարմարավետություն կամ հարստություն։

Ամենուր մարդիկ աշխատում են լրացուցիչ ժամեր, քանզի ապրանքներն աներեւակայելի բարձր գներ ունեն։

Ինչ վերաբերում է բրիգադների պետերին կամ ենթապետերին, նրանք պատվեր են ստանում որոշակի ժամանակամիջոցում կատարել որեւէ աշխատանք։ Եթե նրանց ծառայողներն ու բանվորները բավականին ջանասիրություն չեն ցուցաբերում, հենց իրենք պիտի լրացուցիչ աշխատեն օրական 18 ժամ, եթե պետք է, քանզի նրանք են պատասխանատու մարդկանց վարքի եւ ստացված արդյունքի համար։

Միշտ չէ, որ դա հեշտ է, նրանք երբեմն շատ դժվար կացության մեջ են հայտնվում՝ մի կողմից կենտրոնական իշխանության, մյուս կողմից՝ բանվորի անտարբերության պատճառով։

Երեք նախազգուշշացումից հետո յուրաքանչյուր բանվոր կարող է ցանկացած պահի ազատվել աշխատանքից՝ առանց փոխհատուցման կամ տեղեկացման։

Իմ այցելած գործարաններից մեկում մի պաստառ զգուշացնում է բանվորներին, որ սկսած սեպտեմբերի մեկից նրանք, ովքեր չեն հասցնի արտադրել սահմանված քանակության իրերը, առանց վիճարկումների կհեռացվեն աշխատանքից։

Իր ավել աշխատանքի դիմաց բրիգադի պետը կամ ենթապետը ոչ մի լրացուցիչ վարձ չի ստանում։ Սակայն նա կարող է հույս ունենալ, որ իր արձակուրդը կկրկնապատկվի, եւ կստանա խրախուսական մրցանակ։ Դա հաճախ է պատահում, բայց պետության համար դա պարտավորություն չէ եւ կախված է քմահաճույքից։

Երբ պետությունը գանձարանի հետ կապված դժվարություններ ունի, ավելացնում է հարկերը, որոնք անմիջապես գանձվում են առանց հնարավոր կեղծումների, աշխատավարձի պահումների հաշվին կամ էլ հարկադրական փոխառություն է անում, որը վերցվում է նույն քանակով։

Ընդհանուր ծախսերը փակելու համար նա ավելացնում է ապրանքների գինը։ Ամենահասարակ մետաքսի մետրն արժի 145 ֆրանկ, եւ այդ նորահարուստ առեւտրականից ոչ ոք չի համարձակվում բողոքել։

Օգոստոսի 8֊ին հրամանագրով հրապարակվել էր, որ բոլոր աշխատավարձերից պիտի պահումներ արվեն՝ օգնելու իսպանացիներին ֆաշիզմի դեպ պայքարում։ Դա պետության իրավունքն է։ Ոչ ոք ոչինչ չի կարող ասել եւ կարեւոր չեն անհատների բյուջեում գոյացող անցքերը։

Ի փոխհատուցում դրան, պետությունը ստեղծում է դպրոցներ, գործարաններ, հիվանդանոցներ, մանկական մշակույթի կենտրոններ, առողջարաններ, արտաքնապես հիասքանչ հանգստյան տներ որոշ աշխատավորների հանգստի համար, բայց որտեղ նրանք բոլորն ապրում են ընդհանուր ննջարաններում։ Պետությունը մեծ եռանդով ճնշում է գողության ու հանցագործության դեպքերը՝ կիրառելով մահապատիժ կամ աքսոր, հետեւում է բարոյական բարձրությանը, խրախուսում մայրությունը, ամենուր արգելում անառակությունը, տարածում կրթությունը մինչեւ այդ գոյություն չունեցով ծավալներով, իսկ ռուս բնակչութչան 80 տոկոսը ներկայումս կոշիկներ ու հողաթափեր ունի, մինչդեռ ցարական Ռուսաստանում 80 տոկոսը ոտաբոբիկ էին շրջում։

Մամուլի ազատությունը, սակայն, ամբողջովին վերացված է։ Հանցագործ կողմը, իր ձեռքը վերցնելով հասարակական իրավունքը, այլեւս ոչ մի տեղ չի զբաղեցնում մամուլում։ Դրան հակառակ որեւէ քաղաքական հանցագործության դատավարությունը կարող է օրեր շարունակ զբաղեցնել ողջ մամուլը, իսկ հասարակական կարծիքը պատարելապես թմրեցվում է։

Խորհրդային մեծ մարդկանց, օդաչուների, գիտնականների, քաղաքական գործիչների նվազագույն հաջողությունները կարող են շաբաթներով զբաղեցնել թերթերը։ Դա հիպնոզի մի տեսակ է, եւ Ստալինը նրանց աստվածն է։

Զանգվածների ստացած օգուտը բավարա՞ր է արդարացնելու համար 1917 թ, արյունալի գործը, եւ չնայած իրականացված առաջընթացային եւ ամենուրեք տեսանելի վիթխարի չափերին, իրականում ի՞նչ սոցիալական հավասարեցում է կատարվել։

Ամենուր արդեն մակարդակի նոր տարբերությունները փոխարինում են հներին։ Դրանք առավել եւս կշատանան եւ առանց դադարի, ճիշտ այնպես, ինչպես մի ալիքը փոխարինում է մեկ ուրիշ ալիքի։

Համոզված եմ, որ տասը տարուց քիչ ժամանակ է պետք, որպեսզի նախկին բոլոր հասարակական տարբերությունները կրկին ի հայտ գան։

2 դեպտեմբերի 1936 թ․
Թանկագին պարոն Ժիդ


Ավարտեցի Ձեր «Վերադարձ ԽՍՀՄ֊ից» գործի ընթերցումը։ Այդ երկրից իմ վերադառնալուց ի վեր, որը տեղի է ունեցել ավելի ուշ եւ 1934 թվի դեկտեմբերին Կիրովի սպանության առիթով սկսված ճնշումների տպավորության տակ, ես ուղղակի կլանում եմ Խորհրդային Ռուսաստանի մասին յուրաքանչյուր նոր վկայություն։ Հիմա, երբ ընթերցեցի Ձեր գիրքը եւ մի քանի շաբաթ առաջ կարդալով ձեզ հասցեագրված Վիկտոր Սերժի եւ Իգնասիո Սիլոնեի՝ Մոսկվա ուղարկված նամակները, ես երջանիկ եմ եւ միաժամանակ տխուր։ Երջանիկ եմ, քանզի Ձեր գիրքն ինձ համար մեկ անգամ եւս հաստատեց այն հիմնադրույթը, որն, ըստ իս, ընկած է կյանքի իմաստի հիմքում․ գոյություն ունի միայն մեկ ճշմարտություն․ ես՝ նախկին կոմունիստ մարտիկս ու խորհրդային պաշտոնյա, որ երեք տարուց ավելի աշխատել եմ ԽՍՀՄ֊ում, մամուլում, քարոզչական ապարատում, ձեռնարկությունների տեսչությունում, ներքին ծանր պայքարից եւ իմ կյանքի ամենաուժգին բախումներից հետո հանգում եմ նույն եզրակացություններին, ինչ Դուք, որ գալիս եք այլ երկրից, այլ միջավայրից, եւ մեզ հետ են Սերժը, Սիլոնեն, մարդկության այն մասը, որը չի ընդունում «հարմարվողականությունը», ինչի մասին խոսվում է Ձեր գրքում։ Գուցե ԽՍՀՄ֊ին վերաբերող իմ գրվածքները հետաքրքեն Ձեզ։ Ես Ձեզ այս նույն փոտով ուղարկում եմ իմ փոքրիկ գիրքը՞ «Die Vieserentdeskung Europas» եւ իմ բրոշյուրը․ «Der Moskauer Prozess»։ Միեւնույն ժամանակ խնդրում եմ Ցյուրիխի իմ հրատարակիչ Շվայցեր Շպիգել Վեպլագին Ձեզ ուղարկել մեկ տարի առաջ հրատարակված իմ մեծ գիրքը․ «Abschicd von Sowjetrussland»։

Մինչեւ ձեզ հրաժեշտ տալը, թույլ տվել տալ մի հարց, որ ինձ շարունակ անհանգստացնում է։ Դա ձեր գրքի ավարտն է․ այն վտանգը, որ դատը կարող է պատասխանատու համարվել ԽՍՀՄ֊ում կատարվող ողբալի իրադարձություններծի համար, այդ վտանգն ինձ շատ մեծ է թվում, քանզի խորհրդային քարոզչությունը չունի ձեր պահանջած այն քաջությունը, որ այլեւս չխաղա բառեպի հետ, ընդունի, որ «հեղափոխական ոգին արդեն ապրել է իր դատը»։ Բայց այդ դիրքորոշման բացակայության հետեւանքով բազմաթիվ անկեղծ հեղափոխականներ կշարունակեն նույնացնել ԽՍՀՄ֊ն ու սոցիալիզմը, Ստալինի քաղաքականությունն ու առավել արդար հասարակարգի հիմքերը։ Եվ պե՞տք է ասել արդյոք, որ այդ սխալմունքը կաթվաթահար կանի ու կոչնչացնի մարդկային առաջընթացի լավագույն ուժերը։ Ինչպե՞ս խուսափել այդ ողբերգական հետեւանքներից։ Ես ծանոթ չեմ վերջերս տեղի ունեցած Զինովեւ֊Կամենեւ դատավարության, զանգվածային գնդակահարությունների, Սպիտակ ծովի, Սիբիրի ու Թուրքեստանի համակենտրոնացման ճամբարներում գտնվող հազարավոր «հակահեղափոխականների» հարցի նկատմամբ ձեր վերաբերմունքին։ Այնտեղ ռուս ընկերների հետ միասին կան նաեւ արտասահմանցիներ, Սխուցբունդի անդամներ, որոնք երկու տարի առաջ Օտակրինիգի բարիկադների վրա կռվում էին լավագույն ապագայի համար, այնտեղ են նրանք, ովքեր նախկինում ընկած էին Պետրոպավլովսկյան ամրոցի խցերում, որոնք Նեւայի ջրերի մակարդակից ցածր են։ Խորհրդային բանտերում գտնվող Զենզի Մյուսամը (ինչպիսի հատկանշական ողբերգական զուգադիպություն), մի մարդու այրին, որն իր հերթին զոհվել է Հիտլերի համակենտրոնացման ճամբարներից մեկում։ Այնտեղ են գուցե արդեն մահացած, գուցե դեռեւս կենդանի դիակներ, ոչ միայն իմ ընկերներից շատերը, այլեւ հեղափոխականներ, որոնց լավ էին ճանաչում բոլոր ճամբարների սոցիալիստ կոմունիստներն ու առաջընթացի բարեկամները։

Սակայն հասարակական կարծիքը՝ «մարդկային խիղճը», կարծես այլեւս գոյություն չունի։ Ինչ թույլ արձագանք գտավ Մոսկովյան այդ դատավարության կրկնությունը՝ Նովոսիբիրսկի դատավարությունը։ Վեց մարդկային արարածներ երկու օր տեւած դատավարությունից հետո գնդակահարվեցին առանց օտարերկրյա վկաների՝ որպես միակ ու ծիծաղելի արդարացում ունենալով «անհերքելի խոստովանությունները»։

Մեռյալներին այլեւս հնարավոր չէ փրկել։ Բայց կարելի է թույլ չտալ, որ ուրիշները մեռնեն նույն ձեւով։ Եվ կարելի է կյանքին վերադարձնել նրանց, ովքեր Սառուցյալ օվկիանոսի ափերին, Սիբիրյան անծայրածիր տունդրաներում, հռչակավոր Լյուբյանկայում գտնվող ԳՊՈւ֊ի նկուղներում դեռ շնչում են։

Ես պայքարում եմ իմ ողջ ուժով։ Բայց իմ ուժերը սահմանափակ են, իմ կոչերը հասնում են միայն շատ քիչ թվով ականջների։ Նրանք չեն կարողանում կոտրել բանտերի պատերը։

Բայց ձեզ, ձեզ ճանաչում են։ Եվ նրանք, ովքեր հանուն մարդկության մեծագույն գաղափարների ողբերգական անարդարություններն են գործում, չեի համարձակվի անուշադրության մատնել այն կոչը, որ կանեք դուք։

Չէ՞ որ ազատ արձակեցին Օսիետսկուն՝ Հիտլերի զոհին։ Օգնեցե՛ք ազատագրել Ստալինի զոհերին։

Թույլ տվեք սեղմել ձեր ձեռքը։

5 նոյեմբերի 1936 թ․
Պարոն


Երախտագետ հուզմունքով ընթերցեցի «Vendredi» հանդեսում տպագրված ձեր էջերը եւ թույլ եմ տալիս ինձ գրել Ձեզ։ Դուք վաստակել եք այն մարդկանց երախտիքը, որոնց համար հեղափոխությունը նախեւառաջ հասարակական արդարություն է եւ բոլոր մարդկային արարածների արժանապատվությունը։ Ես գիտեմ, թե որքան դժվար է գրողների համար, ովքեր մոտենում են հեղափոխություն կոչվող իրենց համար անծանոթ այդ ցամաքին, համարձակվում տեսնել ճշմարտությունը եւ բարձրաձայն արտահայտել այն տեսնելուց հետո։ Բայց եւ գիտեմ, որ «ինքն իրեն անդավաճան մնալու» ցանկությունը լիովին կարող է բավարարվել միայն կատարելապես անկեղծ լինելու դեպքում։ Եվ երբեք էլ, պարոն Ժիդ, այդ անկեղծությունը չէ, որ վնաս է պատճառում բանվորների դատին, այլ ուրիշներին խնայելու փորձերն ու գործարքները։

Ես կրկին ընթերցում եմ ձեր տողերը եւ մտածում, որ դուք, անշուշտ, հիմա կհասկանաք, թե ինչ են զգացել այն մարդիկ, ովքեր պաշտպանել են Հոկտեմբերյան հեղափոխությունն առաջին իսկ ժամից, ովքեր այն ընդունել են դեռ այդ ժամանակից, քանզի դա պատերազմի դեմ իրենց պայքացի շարունակությունն էր, ովքեր նրան տվել են այն ամենն, ինչ կարող էին տալ եւ որոնց աչքի առջեւ այն (ոչ թե մի քանի ամսից, այլ Լենինի մահվանից ի վեր) ժամ առ ժամ վերականգնում է հին աշխարհի վարակը եւ գոյատեւելու համար գուցե անվանարկում լինելու իր իսկական պատճառները։

Մարսել Մարտինե
Փարիզ, 25 նոյեմբերի 1936 թ․


Այն հարցին, թե արդյոք տեղի՞ն են ԽՍՀՄ֊ի դեմ քննադատությունները, ես պատասխանել եմ՝ այո։

Պետք է վերլուծել ռուսական հեղափոխության փորձը եւ անհրաժեշտության դեպքում քննադատել այն, ինչպես որ ինքը Լենինն էր պահանջում այլ երկրների կոմունիստներից։ Բայց ո՞ւր են այդ ժամանակները։ Կոմունիստը չի կարող հրաժարվել իրականության վերլուծությունից, դա կհակասեր մարքսիզմին։ Կոմունիստները, քանի որ ներկայացնում են բանվորական շարժման ապագան, իրավունք չունեն պրոլետարիատին չվհատեցնելու պատրվակով թաքցնել նրանից հեղափոխական փորձառության սխալները։

Ընդհակառակը, նրանց պարտականությունն ու գործն է՝ վերլուծել ռուսական հեղափոխության անցած ճանապարհը, հատկապես Ֆրանսիայում, որտեղ բանվորական դասակարգի քաղաքական հասունությունը թույլ է տալիս հասկանալ, որ սխալվում են, բայց ոչ խաբում։ Այդ վերլուծությունը կապացուցի, որ սոցիալիզմը չի իրականացվել ԽՍՀՄ֊ում, բայց ցույց կտա նաեւ, որ նրա պայքարը, նվաճումներն ու հեղափոխական պայմանները պրոլետարիատի համար մեծարժեք դասեր եւ քաջալերիչ գործոններ են ապագա պայքարի համար։ Հեռու բուրժուազիային ձեռնտու լինելուց՝ նման դիրքորոշումը շարունակում է լուսավորել պրոլետարական գիտակցությունը, ամրապնդել նրա պայքարի հեղափոխական բնույթը՝ ցրելով վտանգավոր պատրանքներն ու հեռու պահելով նրան չափազանց լավատեսությունից։

Կապիտալիստական երկրների տնտեսության համեմատ Խորհրդային Միության տնտեսությունը մեծ առաջընթաց է ապրել՝ բայց պետք չէ անտեսել, որ այն պարունակում է կապիտալիստական սերմերը, ազատ շուկա եւ աշխատավարձի անհավասարությունը՝ բոլոր հետեւանքներով։

Ժ․ Սեն
  1. Ա՜հ, որքան շատ են այդ ազնիվ հոգիները, որոնք սկսում են տանջվել, որոնք ավելի ու ավելի կտանջվեն, մինչեւ ստիպված լինեն, ի վերջո, ընդունել սխալը։ «Լինելով նախկին կոմունիստական ակտիվիստ, խորհրդային պաշտոնյա, որը երեք տարուց ավելի աշխատել է մամուլում՝ պրոպագանդայի ապարատում եւ ձեռնարկությունների տեսչութչունում, ես ներքին ծանր պայքարից եւ իմ կյանքի ամենաբուռն հակամարտություններից հետո գալիս եմ նույն եզրակացությունների, ինչ որ դուք»— գրում է ինձ Ա․ Ռուդոլֆը՝ Abschied Sovietrussland֊ի հեղինակը։
  2. Գոնե, երբ չի սկսում կատակել, ինչպես օրինակ, երբ գրում է․ «Ընդունելության սրահում… տեսնում եմ Միներվայի, Յուպիտերի, Դիանայի արձանները։ Բանվորներն ընդամենը մի փոփոխություն են կատարել։ Նրանք ավելացրել են Լենինի բրոնզե կիսանդրին։ Առաջին հայացքից անհաստանալի է թվում, թե ինչ կապ կարող է լինել Լենինի եւ Միներվայի միջեւ։ Սակայն․ դա իրականություն է։ Դա ապացուցում է, որ կոմունիզմը մարդկության բազմադարյա պատմության բնական, տրամաբանական եւ անխուսափելի հետեւանքն է, ամենաբարձր եւ ամենաբարոյական մշակույթի ժառանգորդը» (խորհրդային թերթեր)։
  3. Եթե յուրաքանչյուր երեխա ունենար իր առանձին տեղը, դրանց թիվը պիտի հասներ 2.000.000֊ի։ Սակայն դրա իրավունքն ունեցող 8 երեխայից միայն մեկն է, որ առանձին տեղն ունի։ Ի՞նչ կլինի իրավիճակը 1937թ․, երբ սպասվում է, որ աշխատավորների թիվը կհասնի 28.000.000֊ի։ Եթե դարձյալ հաշվենք միայն մանկասալյակները, առանձին տեղ կունենան միայն 700.000 երեխաներ, մինչդեռ անհրաժեշտ է 2.800.000 տեղ, եթե բոլորին պետք լինի ապահովել սննդով։ Այնպես որ, յուրաքանչյուր 4֊ից միայն մեկ երեխա կունենա իր առանձին տեղը, եթե ծրագիրն իրագործվի ամբողջապես։ (Սըր Ուլտեր Սիտրայն․ «Ես ճշմարտություն եմ փնտրում ԽՍՀՄ֊ում», էջ 296)։
  4. «Ճառ Մաքսիմ Գորկու մասին», «Ճառ ուղղված Մոսկվայի ուսանողներին», որոնք դուրս են մնացել գրքի «Հավելվածից», «Զինվորագրված գրականությունում» տեղադրելու համար։
  5. «Պրավդա Վոստոկան» (1936, դեկտեմբերի 20) ցավով նշում է, որ ստիպված են ընդունել, որ անգրագիտության վերացման ծրագիրը չտվեց սպասվող արդյունքները։ Ամբողջովին կամ մասամբ անգրագետ 7.000.000 մարդկանց միայն 30-40% է համաձայնել հաճախել դասերի, «որի արդյունքում «վերացման» արժեքը հասնում է անձը 800 ռուբլու, նախատեսված 25 ռուբլու փոխարեն»։ Մի քաղաքում (Կոկանդում), որտեղ պարծենում էին, թե մինչեւ 1936թ․ վերջը ամբողջովին կիրականացնեն այդ ծրագիրը, անգրագետների թիվը մայիսին հասնում էր 8023֊ի, 9567֊ի՝ օգոստոսին։ 11014֊ի՝ սեպտեմբերի 15֊ին, եւ 11645֊ի՝ հոկտեմբերի 1֊ին։ (Հուսանք, որ քաղաքի բնակչությունը համամասնորեն աճում է գյուղական բնակչության ներգաղթի հաշվին, այլապես պիտի եզրակացնեինք, որ կարդալ իմացողներն էլ են ետ վարժվում)։ Տաշքենդի նման մեծ քաղաքում հաշվվում է 60 հազար անգրագետ։ Բայց 757 գրանցվածներից միայն 60֊ն են հաճախում դասերի։ Հենց նրանցով էլ հիացնում են ճանապարհորդներին»
  6. Ճիշտ, ինչպես պետությունը տիրապետում է տնտեսական գործընթացի նյութական տարրերին, այնպես էլ բռնակալությամբ տիրում է մարդկային տարրերին։ Աշխատավորներն այլեւս չեն կարող իրենց աշխատուժը վաճառել որտեղ կամ ինչպես կամենան․ նրանք իրավունք չունեն ազատ երթեւեկել ԽՍՀՄ֊ի տարածքում (ներքին անձնագրեր)։ Գործադուլի իրավունքը վերացված է, եւ ստախանովականության մեթոդներին դիմադրելու յուրաքանչյուր փորձի դեպքում կիրառվում են ամենախիստ պատժամիջոցներ։ (Լյուսիեն Լորա․ «Մի հայացք ռուսական տնտեսությանը» in «LʼHomme re՛el» N38} 1937 փետրվար)։
  7. Դրան հակառակ շատ հաճախ է պատահում, որ մարդուն հեռացնում են նրա շարքերից, իսկ նրանից այն կողմ Սիբիրն է։
  8. Ինչպես հիանալի ասում է Իվոնը․ «Կուսակցության մեջ մտնել, նշանակում է, միաժամանակ ծառայել իշխանությանը, կուսակցությանը եւ անձնական շահերին»։ Կատարյալ ներդաշնակություն, որից կախված է նաեւ երջանկությունը։
  9. Ես հանդիպել եմ ծովային նավատորմի բազմաթիվ ծառայողների՝ սպաների եւ ծովայինների։ Ինձ շատ հուզեցին սպաների եւ հասարակ մարդկանց, ինչպես նաեւ հենց մարդկանց միջեւ հարաբերությունները, որոնք սրտաբուխ, այնքան եղբայրական ու պարզ էին թվում։ Թերթերը տարածեցին մի պատմություն․ իբր մոսկովյան մեծ ռեստորաններից մեկում ես տեսել էի, թե ինչպես, մի քանի սպաների ներս մտնելուն պես, ողջ հասարակությունը ոտքի էր կանգնել եւ շարվել զինվորների նման։ Այնքան անհեթեթ հորինվածք, որ ես անհրաժեշտ չհամարեցի հերքել այն։
  10. Մարքսի եւ Էնգելսի ողջ ստեղծագործության հիմքում ընկած է արտասովոր մի մեծահոգություն կամ ավելի շուտ արդարության հրամայական պահանջ։
  11. Ես այդ բառը վերցրել եմ մարքսիստական բառապաշարից։ Այն գործածել է Լենինը իր «Պետություն եւ հեղափոխություն» գործում։ «Պետությունը մեռնում է» արտահայտությունը շատ հաջող է ընտրված, քանզի արտացոլում է միաժամանակ գործընթացի դանդաղությունն ու տարերայնությունը (Երկերի լիակատար ժողոժածու, XXI)։
  12. Պ․ Իվոն «Ինչ է դարձել ռուսական հեղափոխությունը»։
  13. 1936 թվականին ամսական միջին աշխատավարձի գնողունակությունը հավասար էր 225 կգ աշորայի հացի։ 1914֊ին 30 ռուբլու գնողունակությունը, որ բանվորը վաստակում էր ամեն ամիս, հավասար էր 600 կգ։
  14. Դրանով է բացատրվում վերջին ժամանակների սոսկալի ճնշումները։ Եվ սակայն Ստալինն ինքն էր ասում մի քանի տարի առաջ․ «Երկուսից մեկը․ կամ մենք կհրաժարվենք լավատեսությունից, բյուրոկրատական մեթոդներից եւ թույլ կտանք, որ մեզ քննադատեն անկուսակցական բանվորներն ու գյուղացիները, որոնք տառապում են մեր սխալներից, կամ դժգոհությունները կկուտակվեն եւ նրանց քննադատությունը կդրսեւորվի ըմբոստացման միջոցով»։ (Հատված Ստալինի ճառից, մեջբերումը՝ Սուվարինի․ «Ստալին», էջ 350)։
  15. Ֆրիդմանը ջանում է ստախանովականությունը դիտել որպես աշխատավարձի բարձրացման հնարամիտ միջոց։ Վախենում եմ, որ դա ավելի շուտ հասարակ բանվորից ավելի բարձր արտադրողականություն պահանջելու միջոց է։
  16. Պաշտոնական վիճակագրությունը մեզ տեղեկացնում է, որ 1927 թվից 1925 թվականը ծանր արդյունաբերության բանվորների միջին աշխատավարձն անբողջությամբ աճել է 52 տոկոսով, բայց աճը կազմել էր 94,8 տոկոս եւ 103,3 տոկոս՝ առեւտրի բնագավառի աշխատավորներինը։ Բացի այդ, ռուբլու գնողականության նվազման պայմաններում, աշխատավարձի այդ բարձրացումը բոլորովին չի նշանակում կենսամակարդակի բարձրացում։
  17. Խոսքն այն մասին չէ, որ բանվորը ստանա իր աշխատանքի լիակատար արդյունքը։ Ո՛չ Մարքսը, ո՛չ էլ Էնգելսը չէին նախատեսել դա։ Ոմանց «գերաշխատանքը», որը կապիտալիստական հասարակարգում թույլ է տալիս մի փոքր թվի անգործությունը, հանգեցնում է այդպիսով ստեղծվող դասակարգերի միջեւ թշնամանքի սերմանմանը։ Այդ «գերաշխատանքը», ասում է Մարքսը, անխուսափելի է (եւ նա դրանով ընգծում է, որ բանվորը չպետք է հուսա անձնական շահույթ ստանալ իր ամբողջ աշխատանքից)։ «Գերաշխատանքի որոշակի քանակ,— ասում է նա,— պահանջվում է պատահարների դեմ ապահովագրության եւ այլնի համար»։ Թվարկումը երբեք լիականար չէր լինի։ Պետք է դրան գումարել եւ որոշ խնայողություններ՝ ուղղված բացի մեքենայի պահման ծախսերից, «որոշակի տարրերի ստեղծմանը, որոնք պիտի ծառայեն նոր առաջընթացին»։ Ավելացնենք դրան, քանզի մեզ այդպես է ստիպում հարեւան երկրների ոչ֊սոցիալիստականացումը, Կարմիր բանակի պահման ծախսերը (դա միայն մեկ երկրում «սոցիալիզմի» հաստատման անհրաժեշտ հետեւանքն է)։ Կարծում եմ, որ դա Մարքսը կընդուներ։ Բայց նրան հրեշավոր կթվար, որ ոմանց (մեծամասնության) գերաշխատանքը պիտի ապահովեր մյուսների գերաշխատավարձը։ Այդպես հանգում ենք «արտոնյալների» դասի կազմավորմանը եւ ոչ թե «նյութական աշխատանքին նվիրվող ժամանակի կրճատմանը» ։Կապիտալ, XIV։
  18. Որը ոչ մի կերպ չավելացրեց ցածր աշխատավարձերը։ Դեռ նրանց հաշվին են կուտակվում «խնայողության միջոցները»։
  19. Լուիս Ֆիշերի՝ ԽՍՀՄ վերաբերյալ գիրքը շատ հետաքրքիր է։ ԽՍՀՄ֊ի համար չափազանց բարեհաճ այդ գրքում քննադատությունները շատ զուսպ են, բայց, այնուամենայնիվ, կարդալ իմացողի համար դրանք կան։ Կովկասյան որոշ փոքրիկ շրջանների նրա զմայլելի նկարագրությունից կարելի է ենթադրել, որ խորհրդային ծառի ճյուղերի բավական մեծ մասը դեռ կանաչ է։ Իսկ բույնը փտում է։
  20. Իրականում սովետների նման արհմիություններն նույնպես այլեւս գոյություն չունեն (1924֊ից)։ Բանվորները ոչ հովանավորություն, ոչ էլ օգնություն են սպասում ուղղակիորեն կուսակցության բաժիններին ենթարկվող 25000 պաշտոնյաների «աշխատակազմի» ձեռքին գտնվող այդ ծախսաշատ գերատեսչություններից (Սուվարին, «Ստալին», էջ 347)։
  21. Բյուրոկրատիայի վարձատրությունը պատերազմից առաջ կլանում էր ազգային եկամուտի 8,5 տոկոսը, 10 տոկոսը՝ 1927֊ին։ Ավելի թարմ տվյալներ չունեմ։
  22. «Բանվորական հեղափոխության առաջին էտապը պրոլետարիատի հաստատումն է որպես իշխող դասակարգ, դեմոկրատիայի հաղթանակը», — ասում էին Մաքրսն ու Էնգելսը իրենց հռչակավոր Մանիֆեստում։ «Դեմոկրատիայի հաղթանակը», այո՛, բայց դեմոկրատիան ոչ թե հաղթել է, այլ հաղթվել։
  23. Ես ամենեւին չեմ հավատում մեծամասնության իմացությանը․ բայց խոսքն այդ մասին չէ։ Այլ այն մասին, որ այդ մեծամասնությանը թույլ տան իր բողոքի ձայնը տեղ հասցնել, երբ նա տառապում է, որ համաձայնեն լսել այն ընտրյալին, որը հաղորդում է այդ բողոքը։
  24. Սիտրայնը գրում է․ «Չի ունեցել մինչեւ այսօր» բայց այն, ինչ նա ասում էր 1935֊ին, կարող էր կրկնվել, եւ առավել վստահությամբ, նոր Սահմանադրության ընդունումից հետո։
  25. Մենք ոչ մի դեպքում կասկածի չենք ենթարկի Ժան Պոնսի տրամադրած թվերը ոչ այստեղ, ոչ որեւէ այլ տեղ։ Բայց 10 մետրանոց մատ՝ ընդհանուր 70֊80 մետր բարձրության դեպքո՞ւմ… Հուսանք գոնե, որ Լենինը նստած է։
  26. Այս էջը արտագրում եմ իմ ճանապարհորդական գրքույկից, ուր ես ամեն օր գրառումներ էի անում․ «Ժամը 8֊ի համար պատվիրած ճաշը սկսվում է 8 անց կեսին։ 9 անց քառորդ դեռ չի ավարտվել նախուտեսների մատուցումը։ (Մենք՝ Հերբարը, Դաբին, Կոլցովն ու ես, գնացել էինք այգի զբոսնելու եւ շատ քաղցած էինք)։ Ես շատ փոքրիկ բլիթներ խժռեցի։ Քանի որ ինձ սպասում էին հանգստյան տանը, փորձում եմ վերջացնել ճաշը, բայց 9 անց կեսին մոտ բերում են ճաշի գդալներ, բանջարեղենով ու հավի կտորներով ճաշ եւ հայտարարում, որ պիտի բերեն խեցգետնի պոչեր՝ սնկով պատրաստված, հետո ձուկ, տարբեր տապականեր ու բանջարեղեն… Դուրս եմ գալիս, որպեսզի դասավորեմ ճամպրուկս, հետո մի քանի տող պատրաստեմ Պրավդայի համար՝ օրվա իրադարձությունների մասին։ Ժամանակին ետ եմ գալիս, որպեսզի վերջացնեմ դեռ սառեցրած քաղցրավենիքի մեծ կտորը։ Ես ոչ միայն զզվում եմ այդ խնջույքներից, այլեւ մերժում եմ դրանք։ (Պետք է այս հարցում բացատրվեմ Կոլցովի հետ)։ Դրանք ոչ միայն անհեթեթ են, այլեւ անբարոյական եւ հակահասարակական»։
  27. Պետք է սակայն նշել, որ ռուս ժողովուրդը ապրելու ապշեցուցիչ ունակություն ունի, «կատվի կենսունակություն», ասում էր իր մասին Դոստոեւսկին, զարմանալով, որ անցել է այդքան փորձությունների միջով, եթե ոչ առանց տուժելու, գոնե առանց ուժերը կորցնելու։ Կյանքի նկատմամբ սերը հաղթահարում է ամեն ինչ․ լինի դա անտարբերությամբ, թե անհոգությամբ, բայց ավելի շուտ, նաեւ ավելի հաճախ ներքին հարստությամբ, ուրախությամբ, լիրիկականությամբ, բերկրանքի բացատրելի կամ անբացատրելի ստորգետնյա աղբյուրներով, որը ժայթքում է ամեն պահի, ամեն կերպ եւ ամեն տեղ։ Պետք է ասել, որ նրանք ունեն երջանկության արտակարգ ունակություն եւ հակվածություն, անկախ ամեն ինչից։ Եվ դրանով է, որ Դոստոեւսկին մնում է այդքան արժեքավոր, դրանով է նա ինձ հուզում այդքան խորապես եւ եղբայրաբար։ Եվ նրա միջոցով ու նրա հետ ողջ ռուս ժողովուրդը։ Անկասկած, ոչ մի ազգ այդքան մեծահոգաբար չէր տանի նման ողբերգական փորձությունը։
  28. Ժեֆ Լաստն ու Պիեռ Հերբարը վերջերս հերթով ապրում էին նրա սենյակում, որոնց հետ նա առիթ ուներ շատ ավելի հաճախ ու մտերմիկ զրույցներ ունենալ, քան ինձ հետ։ Եվ հենց այդ պատճառով էլ նրանք բողոքեցին այն մեղադրանքի դեմ, որ ինձ ներկայացրել էր պարոն Պիեռ Սիզը (այն հետագայում շատ քաղաքավարի կերպով կրկնվել էր պարոն Ֆրիդմանի կողմից), որ իբր ես ապօրինաբար օգտագործել էի Դաբիի անունը՝ նրան ձոնելով իմ գիրքը «Ի հիշատակ այն ամենի, ինչ ես ապրել եւ մտածել էի նրա կողքին, նրա հետ»։ Հատված Պ․ Հերբարի մի հոդվածից․ «Կկամենայի հայտնել պարոն Ֆրիդմանին, ի պատասխան նրա դիտողությանը՝ «Վերադարձ ԽՍՀՄ֊ից»֊ը Էժեն Դաբիին ձոնելու վերաբերյալ, մի խոսակցության բովանդակությունը, որը տեղի է ունեցել իմ ու նրա միջեւ Սեւաստոպոլում նրա մահից մի քանի օր առաջ։ Նա չափազանց մտահոգված էր այն բանով, որ Ժիդը, Ֆրանսիա վերադառնալով, կհրապարակեր այն մտավախությունները, որոնցով ճանապարհորդության ընթացքում հաճախ կիսվել էր նրա հետ։ «Նա կկարողանա լսել տալ իր ձայնը,— ասում էր նա,— մարդիկ կհասկանան, որ նա խոսում է որպես ընկեր»։ Ինչպիսի կարծիք էլ որ մարդիկ ունենան այդ կարգի ձոների մասին, ոչ ոք չի կարող վիճարկել այն իրավունքը եւ նույնիսկ պարտականությունը, որ զգացել էր Ժիդը՝ մեր ընկերոջ անունը զուգորդելով ԽՍՀՄ֊ի մասին իր մտորումներին»։ (1937 թ․, հունվարի 29, «Vendredi»)։ Եվ Ժեֆ Լաստի այս նամակը․ «Իմ թանկագին Ֆրիդման, Ապշած եմ՝ Ձեր հոդվածում կարդալով հետեւյալ դիտողությունը․ «Բայց արդյոք Դաբին, ավելի քան Ժիդը, չէ՞ր քննադատի ու լրացնի իր տպավորությունները (նա մտադիր էր երկարաձգել իր այցելությունը ԽՍՀՄ, խոսում էր այնտեղ վերադառնալու մասին)։ Ավելի լավ, քան Ժիդը, չէ՞ր ըմբռնի նրանց հոգեբանական արժեքի անկումը։ Կկամենա՞ր նա իր տպավորություններին (որոնց անբավարար լինելու մասին նա ինքն է ինձ ասել Սեւ ծովում մեր հանդիպման ժամանակ) տալ այդ հսկայական քաղաքական հնչողությունը եւ դեռ այդպիսի մի պահի։ Այդ հարցերը կարող են տրվել եւ բավական է, որ տրվեն, եւ ես իրավունք չեմ ունենա լռության մատնել դրանք»։ Դա, ըստ իս, այնքան էլ ճիշտ չէ։ Արդեն Թիֆլիսում Դաբին սկսել էր բավական անհասկանալիորեն կորցնել իր հետաքրքրությունը ճանապարհորդության նկատմամբ։ Ես բազմաթիվ զրույցներ ունեցա նրա հետ, բայց երբեք նա ցանկություն չհայտնեց ավելի երկար մնալ ԽՍՀՄ֊ում կամ վերադառնալ այնտեղ։ Ընդհակառակը, Կիեւ այցելելիս նա համառորեն հակառակվում էր ճանապարհորդությունը երկարաձգելու մեր ծրագրին։ Ուզում էր անմիջապես վերադառնալ Մոսկվա, իսկ այնտեղից՝ ինքնաթիռով ուղիղ Փարիզ։ Բազմիցս ասել էր, որ ցանկանում է հանգիստ աշխատել իսպանական մի գյուղում՝ Գրեկոյի մասին իր գործը վերջացնելու համար։ ԽՍՀՄ֊ում շատ բան դուր չէր գալիս նրան, եւ մենք ցավով էինք ընդունում դա, բայց մեզնից յուրաքանչյուրի վերաբերմունքը տարբեր էր։ Դաբին այդ մասին հաճախ էր խոսում Ժիդի հետ, բայց քանի որ ինքը մարտական ոգի չուներ, խոսելիս հույսը դնում էր Ժիդի վրա։ Համարձակվում եմ ասել, որ Ժիդի գրած գիրքը հենց այն էր, ինչ Դաբին սպասում եւ պահանջում էր նրանից։          Ժեֆ Լաստ»։
  29. Նրանք ստում են, նրանք բոլորը ստում են,— ասում էր մեզ X֊ը Թիֆլիսում խորհրդային ղեկավարների մասին․ նրան լսել կարող էինք միայն ես ու Հերբարը,— նրանք իրականության հետ կորցրել են ամեն կապ։ Նրանք բոլորը տեսաբաններ են՝ ամբողջովին կորած վերացարկումների մեջ,— նրա ձայնը դողում էր հուզմունքից։ Եվ վերջապես այն նախադասությունը, որին ես սկզբում ոչ մի ուշադրություն չէի դարձրել, որն ինձ ավելի ուշ հիշեցրեց Հերբարը, քանզի հրաշալի էր համարում այն եւ հաճախ էր մեջ բերում, «նրանք կորցրել են ապուրի համի զգացողությունը»։
  30. «Առանձնության եւ լռության ինչպիսի ցանկություն եմ զգում իմ մեջ»,— գրում էր նա անձնական օրագրում, մահից մի քանի օր առաջ։
  31. 1936 թ․ դեկտեմբերի 31֊ի համարում «Պրավդան» հրատարակում է կոլտնեսականների նամակները հագուստի հարցերի վերաբերյալ։ Այնտեղ ասվում է․ «Մենք եւս կարող ենք շքեղ հագնվել, քանզի ճաշակ ունենք եւ հետեւում ենք նորաձեւությանը։ Ես անձամբ չեմ սիրում զանգակաձեւ կիսաշրջազգեստները եւ սավառնակ֊վերնաշապիկները։ Բայց մենք դրանք կրում ենք, քանի որ նոր նմուշներ չկան։ Մենք փող ունենք»։
  32. Ռուսերեն կարդացող իմ ընկերներից մի քանիսին խնդրեցի ինձ համար գտնել Եսենինի այդ բանաստեղծությունը, որն, անկասկած, շատ վատ եմ ներկայացնում․ նրանք չկարողացան գտնել․ ես ենթադրեցի, որ երեւի վերջին պաշտոնական հրատարակություններում այն տեղ չի գտել։ Դա կարելի էր ճշտել։ Բացի այդ, ինձ ասում են, որ Եսենինին վերագրվող մեծ թվով ապոկրիֆային կասկածելի գրվածքներ են շրջում։