«Խնկի ծառեր»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
Տող 3. Տող 3.
 
|հեղինակ = [[Լևոն Խեչոյան]]
 
|հեղինակ = [[Լևոն Խեչոյան]]
 
|թարգմանիչ =  
 
|թարգմանիչ =  
|աղբյուր = [[«Խնկի ծառեր»]]
+
|աղբյուր = [[«Խնկի ծառեր»]], Յավրուհրատի [https://sites.google.com/site/ysumodules/yavruhrat/arm_Khechoyan_Trees_Yavruhrat.epub եփաբ] նիշքը
 
}}
 
}}
 
[[Category: Արձակ]]
 
[[Category: Արձակ]]

21:09, 16 Հունիսի 2015-ի տարբերակ

Սպասում

հեղինակ՝ Լևոն Խեչոյան
աղբյուր՝ «Խնկի ծառեր», Յավրուհրատի եփաբ նիշքը

Հակառակ բոլոր տոհմերի, մեր ազգությունն այս անգամ սկսվում է նախատատով։ Այդպես է սովորեցրել պապս։ Մեր նախատատ Շուշանը հրեղեն սպիտակ ձիով է մտել գյուղ։ Գլուխը տղամարդավարի փաթաթած է եղել չալմայով։ Մինչեւ ծնկները հասնող սապոգների մեջ նախշուն կոթերով զույգ փշտովներ են խրած եղել, կողքերից՝ զույգ դաշույններ։ Նա սեւ այծենակաճը ետ է տարել, ու կրծքին երեւացել է բարուրած Խեչոն։ Երբ նա գյուղ է մտել, այնտեղ եղել են մի քանի ցաքուցրիվ խրճիթներ։ Նախքան մյուս տոհմերի բնակություն հաստատելը, նա գյուղի ամենալավ հողատարածությունները վերցրել է իրեն։ Այնքան է վերցրել, որ Խեչոն տարիներ հետո ձմռան սկզբից յոթանասուն կովերի գոմաղբը, որպես պարարտանյութ քթոցով շալակել, հանդի մյուս ծայրից լցնելով եկել է մինչեւ գոմերը, ու գարունը նոր է բացվել։ Որքան որ Շուշան նախատատի հայտնվելն է եղել խորհրդավոր, այնքան էլ՝ հեռանալը։ Երբ Խեչոն աշխատող է դարձել, Շուշան նախատատը մի գիշեր նստել է իր սպիտակ ձին ու գնացել անվերադարձ։

Խեչոն՝ իր հողատարածություններից շատ հեռու հոսող գետից ժայռ ու դաշտեր փորելով, վտակ է բերել, անցկացրել իր հանդերի միջով, տների ներքեւ փորփրել, հետազոտումներ է կատարել, մինչեւ որ ջրաղացի համար ամուր, քարե սալիկներով ծածկված տեղ է ընտրել։

Հետո մի օր ուսանող Սերո հորեղբայրս ջրաղացի շուրջբոլորը ոսկու հանք է որոնած եղել, ու պապս քթի տակ խնդմնդացել է։

Խեչոն անտառից տասնհինգ ոտնաչափ երկարություն ունեցող հսկա կաղնի է կտրել, շալակն առած բերել, ջրաղացի համար «հոլուղ է շինել»։ Գետերի երկայնքով տներ է կառուցել՝ քարից ու կաղնուց, իրար կպած, թեւ թեւի։ Ու պատերի մեջ քառակուսի, պատուհանների նման անցքեր է թողել, որ հարսներն իրար հետ խոսեն, եղբայրները՝ իրարու հասնեն։

Մեծ օդայի դռան դիմացի պատի ճակատին ձվի դեղնուցով շաղախված կրով գրել․ ԱՅՆ, ՈՐ ՍՈՒՏ ԱՍԵ ԿԱՄ ՄԱՐԴՈՒ ԳԵՇ ԱՍԵ ԿԱՄ ՀՅՈՒՐԸ ԽԱՐԴԱԽԵ, ԱՅՆ ԻՄ ՈՐԴԻՆ ՉԼԻՆԻ։

Մի օր ծերացած Խեչոն տղաներին ու հարսներին հանդ է հանել, ու պարագլուխ անցնելով, քոչարի է պարել։ Պարելուց հետո գնացել է ջրաղաց, քնել է ու էլ չի արթնացել։ Հետո պապս քոչարիի մասին պատմելիս, Խեչոյի ասածին, թե․ «Քոչարին ռազմական պար է»,— ավելացնելու է․ «Քոչարին չմոռանաք, մերոնք այնտեղ այդ պարը որպես առյուծի կաթ էին ըմպում եւ հիշեք՝ Շուշան նախամոր գալստյան ժամանակ նրա սպիտակ ձիու պոչը արյունոտ էր, ու նա գնաց այդ արյունը մզկիթների պատերին մաքրելու»։

Մեր ջրաղացից գնացող ջուրը գյուղը բաժանում է երկու մասի։ Մի ափին սակավաբեր հողերում բնակություն են հաստատում Չարդախենք, մյուս ափին՝ վրացիք՝ Խուրջականենք։ Խեչոյենք ու Չարդախենք որոշում են եկեղեցի կառուցել, բայց վեճ է առաջանում․ ոչ մեկը չի ցանկանում իր հողատարածություններից զիջել։ Ու պապս որոշում է մեր ազգով իր բաժին հողամասում եկեղեցին կառուցել։ Երբ եկեղեցին պատրաստ է լինում, Չարդախենց Օնեսը, որպեսզի գյուղի առաջ ամոթով չմնա, իր տոհմով գետի վրա գեղեցիկ, զույգ կամարներով կամուրջ է գցում։ Գետի մյուս ափին եկեղեցի են կառուցում նաեւ Խուրջականենք։ Եվ գյուղն ունենում է երկու եկեղեցի։ Պապիս ու Չարդախենց Օնեսի վեճն էլի շարունակվում է՝ թե իրենցից ով է լինելու տանուտեր ու իրար հետ չեն խոսում։ Գյուղի տանուտեր է դառնում Խուրջականենց Օրեստին։

Պապս օրվա կեսին բարձրանում էր ջրաղացի կտուրը ու ձայն տալիս տան կողմը․

— Աղչի Հայկուշ, ի՞նչ ես եփել, գալիս եմ ճաշի։

— Ձուգ, ձուգ, Գիգոլը մուրծա էր բերել։

Պապս տարուբերում էր գլուխն ու ասում․

— Էցքիրե է, ամ մամա ձաղլս[1]։

Գյուղացիք լսել են, որ Օնանն այդ ժամին ճաշի է գնում, գնացել են ու փոցխ ու եղան են խնդրել, իսկ պապս նրանց ցորենի մաքուր օղի է հյուրասիրել թարմ մուրծայի հետ։

Պապս հավաքում է եղբայրներին ու շռշռանի ներքեւի մասում մի տուն կառուցում իրենից փոքրի՝ Գիգոլի համար։ Երբ ջրաղացքարը մաշվում էր, կանգնեցնում էին մի տասն օրով, որպեսզի զինգեն։ Հավաքվող ջուրը ջրաղացից մի քիչ վերեւ հատուկ տեղ ուներ, երբ թողնում էին, հսկայական քարերի միջով շռշռալով իջնում էր ցած, Գիգոլի նորաշեն տան առջեւով։ Իսկ հետո, երբ քարը զինգվում էր, նորից շռշռանի ջուրը փակում էին, ու ցամաքած հունի քարերի մեջ շատ ձուկ էր լինում։

«Թող ձուգն էլ մերը լինի, անտեր չփչանա»,— ասել էր պապս։

Մարգարը՝ Գիգոլից փոքրը, ապրում էր մեզանից քիչ վերեւ, գետի մյուս ափին։ Երկուստեք խռովություն կար։ Մարգարի քիթը կախ էր, որ իրեն թեք դիրք ունեցող հողատարածություն էր բաժին ընկել։ Ջրելուց՝ ջուրը կլկլալեն վազում էր ու չէր ջրում, ու ամեն տարի եղբայրներից քիչ բերք էր ստանում։ Մերոնց քիթն էլ կախ էր, որ Մարգարը վրացի կին էր առել՝ առանց պապիս հետ խորհրդակցելու։

Մենք էլ նրանց կողմերը չէինք գնում։ Մեզ պատմել էին, որ Մարգարենց ծառերի տակ մարդագել կա։ Մարդագելի գոյությունը մեր վտիտ մարմինները այնքան պահեց սարսափի մեջ, մինչեւ որ մի օր Տիրան հորեղբորս տղան՝ Սերոբը, Մարգարի խորթ աղջկա հետ կտուր բարձրացավ։

Մարգարը ոչ սատանային էր հավատում, ոչ էլ՝ Աստծուն։ Պապս երբ եկեղեցի է կառուցել, Մարգարն ասել է․ «Իզուր գործ է, փողերը պահի, մեծ ընտանիք ենք, պետք կգա։ Աստվածս ո՞րն է»։

Դրանից հետո, որպեսզի սատանայի լինել֊չլինելն էլ իմանա, ամբողջ մի տարի թափառում է գյուղի սար ու ձորում, այն հավանական տեղերում, որտեղ հնարավոր էր հանդիպել չար ոգուն։ Տեսնում է, որ սատանա էլ չկա․ մի օր էլ… մարդ է սպանում։

Խաչը ջուրը գցելու օրերին վրացիներն ու մերոնք վիճում են, թե իրենցից ո՞ւմ խաչն է արժանի ավելի վերեւ ջուրն ընկնելու։ Մեր տեր Հակոբը եւ ուփալո Լոմոն իրար չեն զիջում, վեհափառներից մեկը խաչը ձեռքին բարձրանում է վերեւ, իսկ մյուսը՝ ավելի վերեւ։ Արարողության մասնակից երկազգի ամբոխի միջեւ ծեծկռտուք է սկսվում։ Հրացանով հայտնվում է Մարգարը, ու նրա արձակած գնդակը տապալում է ուփալո Լոմոյին։ Մարգարն ասում է․ «Տեր Հակոբ, գետը քոնն է, խաչը որտեղ ուզում ես, այնտեղ էլ գցիր, հիմա արդեն վերեւ֊ներքեւ չկա»։

Տեր Հակոբը խաչը ջուրը գցելու մեր արարողությունն է կատարում։ Եվ քանի որ վրացիները գյուղում օծված տերտեր չունեին, ուփալո Լոմոյին փոխարինողն էլ մինչեւ կգար հեռուներից, ինքը ժամանակավոր նրանց ծիսակատարությունն էլ է անում եւ խաղաղություն սերմանելու ու իշխանություններին վստահելի նկատվելու համար, նրանց խաչը մերից՝ որ քիչ առաջ ինքն էր թաթախել, ավելի վերեւ է գցում։

Արարողության վերջում, Մարգարը հրապարակայնորեն ստանալով տեր Հակոբի երբեք թողության չարժանանալու նզովքը, գարադավոյ պահակախմբի առաջն ընկած, շղթայակապ ու անիծված գնում է Ախալքալաք։

… Եվ քսանհինգ տարի Մագադանում պատիժը կրելուց հետո, Թբլիսիով եկավ գյուղ, հետը բերելով թոփալ Զեքալին, նրա աղջկան եւ օժիտը՝ ամբողջ գյուղի համար հրաշք «Զինգեր» կարի մեքենան։

Երբ գյուղի կանայք հավաքվում են տեսնելու այդ կարող «երկաթե մարդուն», Զեքալը հայերենախառն վրացերենով բոլորին պատվիրում էր գլխաշորով բերանները փաթաթել, որպեսզի գոլորշի չիջնի մեքենայի վրա։ Մեր հարսները, ամբողջ մի ամիս, տատիս պատմում էին․

— Կտորը դնես բերանին, կարելով կերթա։

Երբ արդեն գյուղի ամենավերջին մանուկն էլ տեսավ նրանց կարի մեքենան, լռեցին, ջրհորների մոտ, կալերում էլ չխոսեցին, չզարմացան, մոռացան Մարգարին էլ, Զեքալին էլ, նրանց կարի մեքենան էլ։

Ապրեցին, ապրեցին, ու հանկարծ Մարգարը ձանձրացավ։ Նա մտածում էր նավաստի դառնալ ու աշխարհի բոլոր ծովերը ծայրից ծայր լողալ։ Մի չիրականացած, կիսատ նպատակ էլ ուներ՝ գրել «Դոն Կիխոտի» շարունակությունը։ Վեպի շարունակության սյուժեն ու գաղափարը նա արդեն բանտարկության քսանհինգ տարիներին գիշեր ու ցերեկ մտքի մեջ խնամքով շարադրել ու գրել էր։ Միայն թե այս անհետաձգելի խնդիրը թողել էր հետագային՝ անքուն գիշերներին իր նավախցում գրելուն։ Երկար ժամանակ գլուխ էր ջարդում՝ նավին հասնելու, նպատակն իրականացնելու վրա։ Ու վերջապես մի օր միջոցը գտավ։ Զեքալի «Զինգեր» կարի մեքենան ամբողջովին քարուքանդ արեց։ Եվ «Զինգերի» վրա աշխատելու պահին մեզ պատմում էր, թե ինչպես է բանտից փախել՝ ամբողջ Խաղաղ օվկիանոսը ծայրից ծայր լողալով։

Ասում էր․ «Ամբողջ մի տարի գուլպաներս ոտքերիցս չհանեցի, քրտինքի ու բորբոսի գարշահոտը բերդը ծայրից ծայր բռնել էր։ Մի օր էլ, երբ պարեկ զինվորների հսկողությամբ տարան հերթական զբոսանքի, ի՞նչ անեմ, որ լավ լինի…»։ Մարգարը խուզարկու հայացքով նայում էր մեր աչքերի մեջ․ «Գլխի չե՞ք ընկնում, դե ուրեմն լսեք՝ գուլպաներս հանեցի, ու ինչպես ռումբն են նետում, նետեցի պարեկների շարքերի մեջ․ սրանք գարշահոտից գլորվեցին գետին, քթները բռնած թպրտում էին եւ մինչեւ իրենց դեղնակտուց կապիտանի հրամանով հակագազեր կբերեին, ես արդեն ծովում լող էի տալիս… Պատմածիցս գոնե մի բան հասկացա՞ք»։ Հիացմունքով գոռում էինք, որ հասկացել ենք, Մարգարն ընդհատում էր․ «Բան էլ չեք հասկացել, կարեւորը փախչելը չէ, կարեւորը մտածելն է, գլխավորը փախչել կարողանալու հնարն է եւ բանտարկության տարիներին հաղթելն է… հասկացա՞ք»։

Ոչինչ չհասկացած, վախեցած նրա ինքնամոռաց ելույթից, գլխով դրական շարժում էինք անում, որ հասկացել ենք։ Նա ձեռքը զայրացած թափ էր տալիս քթներիս առաջ․ «Ոչինչ էլ չեք հասկացել…»։ Ու գնում էր, մտածկոտ ետ գալիս․ «Տո՛ շան լակոտներ, ի՞նչ է, ինձ համա՞ր եմ պատմում։ Ես արդեն փախել, պրծել եմ, ծո, մի հատ գլխներիդ զոռ տվեք, բա էդ ո՞նց է, որ ես էդ գուլպաներով ման էի գալիս ու ինքս չէի խեղդվում»։ Հիացած գոռում էինք՝ ճիշտ է։ «Ճիշտ է․ միայն ով ինչ ասի՝ կհաստատեք։ Դե լսեք։ Որպեսզի դիմանայի գուլպաներիս հոտին, ինձ հարկավոր էր իմունիտետ ձեռք բերել, դրա համար էլ ամբողջ մի տարի ոտքերիցս չհանեցի… հասկացա՞ք»։ Ասացինք, որ հասկացել ենք, բայց մեր գյուղում իմունիտետ բառը նույնիսկ գրագետ ուսուցիչները չէին օգտագործում… Մենք չէինք հարցնում իր քսանհինգ տարվա պատիժը կրելու եւ հակասական փախուստի մասին, քանի որ նրա պատմած փախուստը մեր երեւակայության նման գունավոր էր։ Երբ պատահաբար պապիս պատմեցինք, թե Մարգարն ասում է․ «Խաղաղ օվկիանոսով եմ փախել», պապս ասաց․ «Ի՜նչ մեծ բան է արել որ, երբ ջրերը խաղաղ լինեն, վեվ ըսես չի փախնի»։ Ասաց․ «Էդ սարսաղին ըսեք, որ օրական ութ ժամ էդ այրոպլանի վրա կորցնելուն, թող հանդի էն բարձր տեղից օրական ութ խերձալ հող տանի ցածր տեղը․ հանդն էլ կդզվի, իր քթի ջուրն էլ չենք քաշի»։

Մարգարը մի սովորություն էլ ուներ․ գետի երկայնքով ման էր գալիս ու չեչաքարեր էր որոնում։ Ուրբաթ օրերին նա իր ձեռքերից տաք ու օտար արյան հոտ էր առնում։ Տխրում էր մահացած ուփալո Լոմոյի համար եւ շաբաթվա այդ օրն անընդհատ լվացվում էր, ձեռքերն այնքան էր քսում չեչաքարերին, մինչեւ որ արյունոտվում էին, անզգայանում։ Ու դեպի մեր ջրաղացը հոսող գետն ուրբաթ օրերին կարմիր էր լինում։ Իսկ ջրածիծառները, սարսափած տաք գույնից, այդ օրերին չէին թռչում գետի վրայով, խցկվում էին պատի անցքերի մեջ ու լռում մինչեւ հաջորդ առավոտը։ Չնայած Խաղաղ օվկիանոսով նրա փախուստի պատմության նկատմամբ պապիս թերահավատությանը, Մարգարը մեզ համար մնաց որպես անծայրածիր ծովեր հաղթահարող Մարգար։

Հավաքվում էինք նրանց բակում։ Ուզում էր Զեքալի կարի մեքենայի մեխանիզմը ինքնաթիռի շարժիչի վերածել, որ ծովին հասնի։ Ասում էր․ «Էնա, էն օրը տղերքից նամակ ստացա, կանչում են։ Երեւի շուտով նրանք ծով դուրս գան։ Չէ, անպայման պիտի գնամ»։ Զեքալը տնից ներս ու դուրս անելիս տեսնում էր շաղ եկած «Զինգերը», ու անընդհատ անեծքը բերանին էր։ Մարգարն այդ օրերին լրջորեն էր նրա հետ կռվել ու ետեւից ասում էր․ «Շենի թոփալի դեդա ավատիրե»[2]։ Կարի մեքենան քանդելու համար նրանց միջեւ տուրուդմփոց էր եղել։ Փայտյա ինքնաթիռը պատրաստ էր, բայց ամիսներ էին անցնում՝ շարժիչը դեռ չկար։ Մարգարի ասելով, տղաները գրում էին, որ եթե նա էլի ուշանա, առանց իրեն ծով դուրս կգան։ Ու Մարգարը շարժիչ ստեղծելու համար օրերով քաղցած էր մնում ու գլուխ էր ջարդում։

Մի օր կարծես ինքնաթիռը պատրաստ էր թռիչքի, ինչ֊որ տեղից ձի ճարեց, լծեց ինքնաթիռին, Զեքալին ծեծելով ու լացացնելով նստեցրեց ձիուն, ինքն ինքնաթիռի ղեկին նստեց ու մեզ բոլորիս ձեռքի թափահարումով մնաք բարով արեց։ Զեքալին հրամայեց, որ ձին չափ գցի։ Մեզ նշան արեց՝ հանդից հեռանալ, ու բոլորս վախեցած բարձրացանք կտուր, քանի որ ասել էր․ «Ուժեղ աղմուկ ու փոշի է բարձրանալու, որ ձեր օրում տեսած չկաք»։ Նրանք այդպես երկու ժամ հանդում պտտվեցին, ինքնաթիռը փռշտում, հա փռշտում էր, բայց օդ չէր բարձրանում։ Նա ուժասպառ ու գունատ իջավ ղեկից ու վստահ հայտարարեց, որ իր հաշվարկներում սխալվել է շարժիչը պատրաստելիս, ինչ֊որ մի փոքրիկ դետալ է հարկավոր ավելացնել, որ ընդամենը մի օրում կպատրաստի։ Հաջորդ առավոտյան եկանք նրանց բակը, տեսանք՝ ոչ Մարգարը կա, ոչ էլ՝ նրա փայտյա ինքնաթիռը, իսկ «Զինգերի» մեխանիզմը շաղ էր եկած հանդով մեկ։

Եվ մենք Մարգարին այլեւս չտեսանք։

Տարիներ հետո պապս նրա փայտյա ինքնաթիռի կմախքը պատահական գտել է մեր ցորենի հորերից մեկում ու քթի տակ «լակոտ» ասել։ «Լակոտ» է ասել տեսարաններ սիրող ծիծաղողների ներկայությամբ։ Բայց հակառակ բոլորին, հակառակ իր դժգոհությանը, միայն նա էր հավատում, որ Մարգարը «այրոպլաններից» գլուխ է հանում եւ այն գիտի, ինչպես իր հինգ մատները… Հավատացած էր, որ Մարգարն իր «այրոպլանով» աշխարհը չափչփելուց, նրանից հոգնելուց հետո կվերադառնա գյուղ։ Ու ջրաղացի դռանը, քարին նստած, մեկ էլ հանկարծ ծխելն ընդհատում էր ու աչքերը հառում կապուտակ երկնքին, ականջը՝ ձայնի։ Նա Մարգարի գալստյանը սպասում էր երկնքից…

Մարգարից փոքրը Արարատն էր։ Խեչոն մեր հանդերից մինչեւ ջրաղացը, գետի երկու ափերին խնկի ծառեր էր տնկել։ Ասել էր․ «Հացն ու ջուրը կա, թող քոչարին էլ լինի, թող թեւ թեւի լինեն ու հանդերն էլ ղռավից կպահեն»։ Գարնան սկզբին Արարատը բարձրացել է խնկի ծառը, որ կատարի չոր ճյուղերը կտրի, ընկել է, ու ձեռքի կացինը խրվել է կոկորդը։ Ինքն իր արյունը կուլ տալով խեղդվել է՝ ողբալի ցավի սահման գծելով իր ոգու եւ ապրողների միջեւ։ Պապս կտրել է ծառը ու բնի վրա կրակ է վառել, որ էլ չկանաչի։ Ու ծառը չի հանգել, մինչեւ մեր տոհմի վերջին մարդը, ծխացել է։ Տարվա բոլոր եղանակներին ամբողջ գյուղում միայն մեր տների վրա է տարածված եղել խնկի բույրը՝ ամեն վայրկյան հիշեցնելով իր արյան մեջ խեղդված Արարատին։ Ու հեռվից նայելիս խնկի ծառերի քոչարին մի տեղ կտրվում էր, կարծես պարողներից մեկը գայթել՝ ծնկել էր։ Մենք կռիվ֊կռիվ խաղալիս հաճախ էինք թաքնվում Արարատի գոյությունը հիշեցնող վառված բնի տակ։

Արարատի ողբալի դեպքի հաջորդ օրը պապս մի օրով կանգնեցրեց ջրաղացը, եւ մենք այդ օրվանից նրա ժպիտը չտեսանք։

Մի օր Պետերբուրգից գալիս է Տարիելը՝ պապիս ամենափոքր բանաստեղծ եղբայրը, մինչեւ կզակը հասնող բակենբարդներով ու սրածայր կոշիկներով։ Տարիելը երբ ջրաղաց է մտնում, պապս նրան խնդրում է, որ աղացի ամբարի վրա փորագրի իր ազգանունը։ Նա փորագրում է․ «Х․ У․»։ Պապս երկար նայում է, զարմանում․ «Այ տղա, մի՞թե պետերբուրգներում էդ ես սովորել, ախր տերտերի գրած տառերին հեյչ լման չէ»։ Տարիելը բացատրում է, որ դա ռուսերեն է, նա նորից է բերանը բաց զարմանում Տարիելի «բանիմացության» վրա, գլուխը քորում․ «Այ տղա, ի՞նչ է, ռուսը իմ ջրաղացը ցորեն է բերելո՞ւ, որ կարդա, իմանա, թե ես վեվ եմ։ Չեղավ»։ Տարիելը այդ երկու փորագրությունների տակ նորից գրում է․ «Խ․ Հ․»։ Պապս նայում է, թե․ «Տերտերի գրածին լման չէ, մի հատ կարդա լսեմ»։

— Խեչոյան Հունան։

— Բա Հունանը վե՞վ է։

Երբ Տարիելը բացատրում է, թե իր «գրական֊կուլտուրական» անունը Հունան է, պապս ավելի շատ զարմանում է Տարիելի բառապաշարի՝ «գրական֊կուլտուրական» բառի վրա, քան իր նոր անվան։ Եվ այդ զույգ բառից, հակառակ ամբողջ գյուղի հավատում է, որ Տարիելը բանաստեղծ է ու Պետերբուրգում զուր թրեւ չի գալիս։ Եվ նա խնդրում է, թե մի հատ էլ մեր գեղացոնց համար գրե՝ («Խեչոյան Օնան»։ Նա) «Х․ У․»֊ի, «Խ․ Հ․»֊ի տակ գրում է․ «Խ․ Օ․» ու պապս գոհ է մնում։

Տարիելը նրան պատմել էր, թե Պետերբուրգում տեսել է Նիկոլայ ցարին՝ տասներկու գարադավոյ պահակախմբով, կառքով Նեւայի ափին զբոսնելիս։ Հետո տարիներ անց պապս մի օր Տաշքենդ՝ զինվորական ակադեմիա վերջացրած Գեւորգ հորեղբորս, գնաց, տեսավ, եկավ, ասաց․ «Գեւորգը գործի էր գնում֊գալիս պետական եւ սեւ մեքենայով եւ տասներկու միլիցիոներների պահակախմբով»։

Գյուղի կամրջի վրա նա հանդիպել էր Խուրջականենց Օրեստիին։ Նրա հարցին, թե՝ «Գեւորգը ո՞նց էր», առանց տատանվելու այդպես էլ պատասխանել էր, հատկապես շեշտելով «տասներկու միլիցիոներներին»։ Ու իր ասածը գյուղի առաջ հաստատելու համար, ուսուցիչ հորեղբորս նստեցրեց սեղանի առջեւ, թե․ «Գրե․ Գեւորգ, ամառը որ եկար, մեդալներդ դեշիդ զարգած արի»։

Ցեխի վարիչ հորեղբայրս Տաշքենդից եկած է եղել, զնգզնգացող շքանշանները կրծքին։ Գյուղի մեջ հանդիպել է Խուրջականենց Օրեստիին, որն ուրախությունից ու վախից քարացել է, ու հորեղբայրս բարեւը չի լսել։ Վազել է նավթի հերթ կանգնած գյուղացիների մոտ, ասել․

— Օնանի տաշքենդների տեր մինիստր տղան էկավ։

Մի անգամ գիշերը գյուղխորհրդի նախագահ Սանդրոն Թբլիսիից Ախալքալաք, այնտեղից էլ մեր գյուղ եկած երկու միլիցիոներների հետ մեր դուռն է թակել, թեւատակի թղթապանակը ետեւն է պահել, որ ոտքերից բռնած թիթեռի նման թրթռացել է ձեռքերի մեջ։ Ասել է․ «Օնան, էն ձեր փոքր տղան ծուռ է»։ Պապս թե․ «Չէ, Սանդրե դու ծուռ ճամփով եկած կլինես»։ Նախագահ Սանդրոն ասել է․ «Բա ինչո՞ւ է էս խառը ժամանակները ռուսաստաններից եկել»։ Պապս նրան երկիմաստ պատասխանել է, թե․ «Էս ինչ ժամանակ ձեն տվիր, մի ամիս կլինի գիշեր֊զօր կոլխոզի ցորենն եմ աղում, հազիվ էի աչք փակել, համ էլ ինչ է, մարդը տուն գալու իրավունք չունի՞»։ Սանդրոն մի ոտքից մյուսն է ձգվել, թե․ «Ես ի՞նչ գիտեմ, Օնան, էնա մարդ են ուղարկել»։ Հետո գլուխն է քորել, թե․ «Կոլտնտեսության գրասենյակի պատերի թռուցիկները խոմ պատահական չէի՞ն կամ կաթի գործարանի հրդեհը։ Չգիտեմ, Օնան, ես գործ չունեմ, թող իրենք որոշեն»։

Առավոտյան գործի գնալիս Սանդրոն շրջանցել է մեր բակը։ Տատս գնացել է նրա գրասենյակը, ասել․ «Սանդրե, կնիկ֊երեխեքիդ մատաղ, ասում են տղային Սիբիր կտանեն, էդ որտե՞ղ է, հանկարծ փորձանք չպատահի»։ Սանդրոն փոքրացել է, կուչ եկել, քրտնել է, ակնոցների ապակին է մաքրել ու ասել․ «Այ, կնիկ ի՞նչ ես ողբդ գցել, էտա Սիբիրը ջրի բերանը, խաղաղ տեղ»։ Հետո տատս պապիս համոզում էր, որ շատ դարդ չանի, Սիբիրը հեռու չէ, դաշտ֊ծաղկի ու գետի ափին է։ Պապս լռեց, լռեց ու որոտաց․ «Տուտուցո գագի գարեթ, շենի…»[3]։ Տատիս թեւից բռնած դուրս գցեց ու երկար փակված մնաց ներսում։ Արդեն ուշ ժամի, երբ դեռ վառվում էր Սանդրոյի գրասենյակի լույսը, գնաց այնտեղ… Առավոտյան պապիս կզակի վրա վերք կար, Սանդրոյի քիթը վիրակապով փաթաթված էր։ Հինգ֊վեց օր հետո նրա քթի յախուն հանեցին, բայց քիթը մնաց ծուռ։

Մենք՝ ես ու Սերոբը, շատ էինք հպարտանում ու մեր հասակակիցներին պատմում, որ մեր աչքով ենք տեսել, թե ինչպես է պապս երկու մատով ձիու պայտը ծռում, ու նրանք հավատում էին մեզ։ Նրանք էլ պատմում էին մյուսներին, թե պապիս տեսել են գութանը ուսին դրած «դամրչանոցից» տուն բերելիս, եւ բոլորը հավատում էին, քանի որ Սանդրոն ծուռ քթով էր ման գալիս։

Սանդրոյի կին Շուշանը մի օր մեր դռնով անց կենալիս, տատիս մի գրություն֊հասցե է տվել, ասել է․ «Սանդրեն տվեց», ասել է․ «Սանդրեն խորհուրդ է տալիս՝ թող Օնանը գնա քաղաք», ասել է․ «Սանդրեն ասում է՝ թող քաղաքում էս հասցեով գտնի յուրիստին, Սանդրեն ասում է՝ թող գտնի մեր բարեկամ յուրիստին ու Տարիելի գործից խորհրդակցվի»։ Ասել է․ «Մեր բարեկամ աբլակատ֊յուրիստը ամբողջ Ախալքալաքի պորտը տեղը դնողն է…»։ Վերջում Շուշանն իր կողմից ավելացրել էր․ «Ի՞նչ կլինի, թող մի անգամ էլ մեր գործին նայի, խոմ մենք ուրիշ չե՞նք»։

Ախալքալաքում իրավախորհրդատուն ասել էր․ «Տարիելի տուն վերադառնալու կամ լինել֊չլինելու մասին կարելի է այսպես մտածել․ տանելուց մի ամիս անց պիտի որ ուղարկեին չորս ռուբլի քսան կոպեկ, այսինքն պետության, այսինքն պետության կողմից գնահատած մարդու արժեքը, եթե չեն ուղարկել, նշանակում է Տարիելը կա…»։ Հետո վերջում ավելացրել էր․ «Չնայած պրակտիկայում դեպքեր էլ կան, որ այդ փողը չի հասնում, ճանապարհին կորչում է, այսինքն՝ փոստի աշխատողներն են ուտում կամ պատահում են դեպքեր էլ, որ ամսից ուշ է գալիս այդ թուղթը…»։

Ու չգիտես, պապիս վիշտը փարատելու համար, թե՞ նրա տված նվերներից զգացված, պապիցս վերցրել է չորս կճուճ մեղրն ու ասել․ «Չկա տարի է, չորս ռուբլի քսան կոպեկով հիմա քաղաքից կարելի է առնել չորս չարեք նավթ»։ Վերցրել է չորս կճուճ յուղն ու բարեկամաբար ասել է․ «Հիմա քաղաքից չորս ռուբլուն կարելի է առնել չորս փութ սերմացու ցորեն»։ Բարեկամաբար ասել է․ «Կյանքի օրենք է, ապրողները պիտի ապրեն…»։ Պապիս՝ Ախալքալաքից վերադառնալուց մի ամիս հետո էլ փոստից ոչ մի լուր չկար, ու պապս շատ էր մտահոգ եւ շատ էր տառապում, որ բանաստեղծ Տարիելի արժեքը չորս ռուբլի քսան կոպեկ է, որ այդ փողը կարող է փոստի աշխատողները կերած լինեն, որ այդ փողով կարելի էր քաղաքից չորս չարեք նավթ կամ չորս փութ սերմացու ցորեն գնել։

Երբ այն գիշեր Տարիելին տարան, նա այլեւս ետ չվերադարձավ։ Պապս Ախալքալաքի իրավախորհրդատուի մոտից վերադառնալուց հետո երկու ամիս էլ սպասեց ու ջրաղացը մի օրով կանգնեցրեց, դռանը նստած ծխեց իր փաթաթած մախորկան։ Հաջորդ օրն աղացքարի չխկանի վրա ավելացրեց մեր Բախտիարի նալիկներից մեկը, որ մյուս նալիկների հետ թռչկոտելով լծակի վրա աղա գյուղի ցորենը եւ երգի Տարիելի կիսատ երգը։

Իսկ ամբողջ գյուղով իրար էին անցել։ Մի մասը պնդում էր, թե Տարիելը մենշեւիկ էր, իսկ մյուս մասը՝ տրոցկիստ։ Չէին կարողանում որոշել, թե այդ երկուսից ո՞րն է ավելի վտանգավորը։

Պապս պարանով մեջքիցս կապած իջեցրեց հանդի ցորենի հորերից մեկը, ու ես այնտեղից Տարիելի բանաստեղծությունների տետրերի հետ հանեցի նաեւ Տրոցկու ու Պլեխանովի մի քանի գրքեր։ Մինչեւ պապս կայրեր տետրերը, ես հազիվ հասցրի այնտեղից գիրկապ կարդալ․ «Գայլերի սիմֆոնիա»։ Այդ բառերն իրենց անհասկանալի իմաստով՝ խայծի նման կանգնեցին կոկորդիս։ Վախենում էի հարցնել գյուղի ամենախիստ ուսուցիչ հորեղբորս, քանի որ չէր զլանում դիմել պատժի ամենացավոտ միջոցներին։

Մի օր Չինարը՝ նրա կինը, հաց է թխել, ու թոնրատան մարդակների արանքից շռռալով հող է թափվել խմորով տաշտի մեջ։

— Տիրան, Տիրան, էդ անտեր կատուներին քշի,— կանչել է նա։

Տիրանը բարձրացել է կտուր ու տեսել, որ աճած ավելների ու փշերի մեջ նրանք պառկած են, ու Սերոբը Մարգարի խորթ աղջկա ծծերն է բացել։ Հորեղբայրս Սերոբին բոլորի աչքի առաջ մտրակով այնքան է ծեծել, մինչեւ որ քթից տղամարդու սեւ արյուն է եկել։ Մեր հարսները իրար ականջի փսփսում էին, թե․ «Սերոբը աղջիկ է համբուրել»։ Սակայն հորեղբայրս տղամարդ էր ու մռնչում էր․ «Ծծերն է բացել»։ Ծեծից հետո, երբ բոլորը հանդարտվել էին, Սերովբեն պառկում էր կտուրին աճած փշերի մեջ ու քամուց օրորվող ավելների արանքից նայում էր Մարգարենց տանն ու արեւամուտին։ Նրա՝ տղամարդ դառնալու մտրակով մկրտությունը սարսափեցրել էր ինձ ու իր հետ տարել մերոնց հնարած Մարգարենց ծառերի տակ վխտացող մարդագելերին։ Այդ դեպքից հետո անվախ գնացինք նրանց բակը՝ տեսնելու Մարգարի փայտյա «այրոպլանը» ու նրա սիրուն խորթ աղջկան։

Գարնան սկզբներին պապս մեր Բախտիարի ճակատը զարդարել է ծաղիկներով ու գույնզգույն ծոպերով։ Փոքրիկ ղողանջող զանգակներ է կախել վզից ու դուրս թողել։ Մեր չբեր հարսներից մեկը տերտերի օրհնած ցորենից վերցրել է մի բուռ ու զարդարված Բախտիարին տարել է մինչեւ գետը՝ գարնան առաջին ձնհալ ջրերով ջրելու։ Գարնան հեւքից քրտնաթոր, բռան միջի ցորենը լցրել է գետը, որ ուրախ, առատ բերքի տարի լինի, կանանց ու անասունների բեղմնավորման տարի։

Երեկոյան պապս ու Բախտիարը գնացել են կալերը՝ գարնան տոնին մասնակցելու եւ եզների մարտը շահելու։

Չարդախենց Օնեսն ու Խուրջականենց Օրեստին կռվի են բերել իրենց ամենալավ եզներին։ Գյուղի ահել ու ջահել, հարս ու աղջիկ այդ օրը տոնական հագնված, իրար գլխի են թափվել՝ դիտելու եզների մարտն ու առնական տղաներին։ Բախտիարն իր հակառակորդների վզներն այնպես է ոլորել, որ բոլորը փախել են մրցահրապարակից։ Պապս ասել է․ «Չարդախենք ո՞ր օրվա մալ պահող են եղել»։ Ասել է․ «Օնեսն ի՞նչ է, որ իրա պահած մալն ինչ էղնի…»։

… Ու մի օր էլ չի համբերել Օնեսը, կատաղած, փափախը խփել է գետնին ու անորոշ հայհոյել․ «Թյու, չենի դեդա ավատիրե»[4]։ Ասել է․ «Օնան, էդքան տիրություն անող էիր, էն ձեր կապվելիք խելառներին էնեիր, մագադաններն ու սիբիրները չընկնեին»։ Պապս ու Բախտիարը հաղթանակով եւ խոսելով եկել են տուն։ Նա մաքուր զտված ցորեն է հանել ամբարից Բախտիարի համար եւ ամբողջ գիշեր ազատ արձակել։ Բախտիարն առավոտյան դաշտերից տուն է եկել ցեխոտ ու ճիմոտ կոտոշներով։ Իսկ կալերում մինչեւ լույս վառվել է եղանների վրա խրված նավթոտ աթարներ։ Լարախաղացը զուռնայի նվագի տակ հրաշքներ է գործել, ծաղրածուն տնազել է պապիս ու Չարդախենց Օնեսի վեճը։ Նվագել են ու խելագար պարել գյուղի ջահելները․

«Օդին դաշը կանաչ է, Սիրած յարս սեւաչ է»։

Իսկ հաջորդ օրը, լույսը դեռ չբացված, գյուղացիները հոծ խմբերով, տոնական օրերի համար կարված գույնզգույն սատինե շապիկներով, դափ ու զուռնայի նվագով, սայլերի քարավաններով գնում էին Սիրգի ձորը։ Այնտեղ, մարգագետնի կենտրոնում, հաստ, քարե պարիսպով շրջափակված էր մի մեծ խաչքար՝ մեր գյուղի «Սուրբ Օվանեսը»։ Նրա շուրջը ամեն մի տոհմ իր մշտական նստելու տեղն ուներ։ Կանայք ճոխ սեղան էին պատրաստում։ Տոհմերի ծերունիները շուրջ֊բոլորակի շարում էին փոխանակելու բերած ապրանքները՝ ջվալներով ալյուր, կարագ, նավթ, գորգեր, կարպետներ, ջեջիմներ, կտավ, կողպեքներ… Իսկ երաշտահավերը կանչում էին մոտերքում եւ նրանց ձայնի հանդիպումը, փարթամ՝ գարնան առաջին խոտի սլացքի հետ արեւոտ օր էր գուշակում…

Վերին գյուղերից մանր, կապտականաչավուն թեւիկներով ճանճերի ու մժղուկների պարսերը՝ կպած էշերի, ձիերի, եզների վզներին ու աչքերին, քարավաններով գալիս էին կռոները՝ ընտանիքներով, բազում սիրուն աղջիկներով, քարաքոսներից ու մամուռից պատրաստած, վառ կարմիր գույնով ներկած այտերով ու եղունգներով, գալիս էին ու խելքահան անում մեր տղաներին։

Փոխանակելու բերած խոնչաները, կաղնե լողանալու տաշտերը, գրտնակները, քթոցները, սալաները, ցախավելները, կճուճներով վայրի մեղրը թիկնակի շարում էին սայլի կողերին։ Մինչեւ կանայք սեղան կպատրաստեին, տղամարդիկ իրենց ամաչկոտ աղջիկներին դափ ու զուռնայի նվագի տակ հանում էին պարի… Նրանք գայթակղիչ օրորուն պարում էին, պարում…

Ջրածիծառները ճռվողյունով նրանց գլխավերեւում թրատում էին տաք ու արբեցնող օդը…

Հետո դաշտերի փոշոտ ճանապարհներով Ախալքալաքից բոշաների քարավանն էր գալիս՝ սեւ դեմքերով կանանց փեշերից ձեռք ձեռքի կապված անհաշիվ ու իրար նման, ամեն մի զրկանքի դիմացող երեխաներով։ Աչքների շուրջը, թեւերին, բացօթեւան, ցավոտ գիշերվա հետքերը՝ բոռերի կծոցներից այտուցված ու ջրակալած վերքերով։ Նրանք դեռ այդ տարիքից գիտեին առեւտուր անել եւ մոլորեցնել։ Նրանց բերած ապրանքը գայթակղիչ էր ու գին բռնող։ Տարբեր կերպարներ հիշեցնող շաքարաքլորները, փայլփլուն թղթերով կոնֆետները, գույնզգույն քաղցրահամ հեղուկները, կեչու բուրմունքը վրան ղայիմ ձյութն առինքնող էին ու հերթեր էին ստեղծում՝ պատանիները հերթ էին կանգնում, որ իրենց սիրած աղջիկների համար փայլփլուն թղթերով կոնֆետ գնեն։ Պառավները հերթ էին կանգնում ու հարյուր տակ հագած, վերջին շրջազգեստի գրպանից հանում էին պղնձադրամն ու շաքարաքլոր գնում լացկան թոռների համար։ Իսկ բոշա տղամարդիկ ցորենի մաղերն ու ալրամաղերը՝ օղաբլիթների նման թելերին շարած, անցնում էին տոհմերի բացած շուկայից շուկա՝ փոխանակելու մորթիներով ու ոչխարի պանրով։ Մերոնք բոշա տղամարդկանց չէին սիրում։ Ձիավոր պատանիներն անցնում էին նրանց կողքով, ու իբրեւ ձին գավակով պատահական կպնում էր ու տապալում գետին։ Տղամարդկանցից մի երկուսը, իբրեւ խմած են, գլուխները մշուշոտ են, ինչ լավ է հանկարծ հիշեցին, տիրումերը… այ սա, հենց անցյալ տարվա այն բոշան է, որ իրենց խաբել էր առեւտրի մեջ, եւ սկսում էին ծեծել… ծեծում էին… ծեծելով հեռու էին քշում։ Իսկ նա, հեռվում հողերի մեջ թավալգլոր կմնար մի կես ժամ, կհանգստանար, կմաքրեր շորերը, կդադարեցներ քթից հոսող արյունը եւ ժպտալով կմոտենար նույն տղամարդկանց, կասեր․ «Ախպեր, ալրմաղ չե՞ք ուզե, էնքան էժան կուտամ…»։ Իսկ մեր եւ շրջակա գյուղերում, բոլորն էլ գիտեին, որ բոշա տղամարդիկ անտեսանելի մի հնարքի են տիրապետում, որի միջոցով կսմթում են կանանց հետույքները եւ աչալուրջ լինելը ոչ մի նշանակություն չունի, ու մերոնք հազար ու մի պատճառ բռնած, ծեծում էին նրանց ու կանանցից հեռու քշում… Ձկնորսները գետի վտակներից մեկը փակում էին ու վերեւից դիտող հանդիսականներին ցուցադրում իրենց վարպետությունը։ Կիսացամաք գետում ձեռքով որսում էին ամենափոքր ձկնիկներին եւ փոխանակում ամենամեծ ապրանքի հետ։ Այդպես էր ընդունված՝ եթե նրանք չէին զլացել իրենց արվեստը ցուցադրել հասարակությանը, նշանակում է ոչ ոք մերժելու իրավունք չուներ նրանց ցանկացած ապրանքը։ Նրանք փոքրիկ ձկնիկը դնում էին ոչխարի դիմաց ու ոչխարը վերցնում, դնում էին մի պարկ ալյուրի դիմաց ու մի պարկ ալյուրը վերցնում։

Մրցասպարեզ էին նետվում օղիով արբեցրած, կատաղեցրած ձիերով երիտասարդները։ Նրանք մրցանակներ ու աղջիկների համակրանքն էին շահում։ Օղուց արբած, ճանճի բզզոցից խրտնող, խելագարված ձիերը սայթաքում էին, թավալգլոր լինում եւ հեծյալներին տակովը տալիս։ Մեջքերը ջարդած ձիերին էժան գներով անմիջապես գնում էին բոշաները ու թանկ գներով հասցնում մթերման կայաններին։ Իսկ անդամալույծ, անշարժ տղաները տեղաշորով պառկում էին թախտերին ու ամբողջ կյանքում նայում օդաների մարդակների արանքից՝ տրփագին կատուների ու քամիների շարժումից շռռալով վազող հողին…

Մեկ այլ տեղ ազնվացեղ ձիերի գիտակները «յորղաների» առեւտուրն էին առաջ տանում։ Գնորդը օղիով լիքը բաժակը ձեռքին հեծնում էր ձին, մի քանի հարյուր մետր չափ էր գցում, եթե բաժակից չէր թափվում, իջնում էր ձիուց, բաժակի օղին խմում մի շնչով, որը նշանակում էր, թե վաճառքն ավարտված էր, ձին համաչափ քայլք ունի՝ «յորղա» է։

Խաչքարի առաջ ճտճտալով վառվում էին մեղրամոմերը, եւ մեռնում մատաղացու աղավնիները, որոնց մարմինները նվիրում էին ամբողջ շրջակայքի միակ մուրացկան Հայկին։ Նա աղավնիների մարմինները լցնում էր կեղտոտ պարկը ու հանգավոր հանպատրաստից երգ կապում նվիրողի վրա։ Պատի երկայնքով շարված էին բաց աչքերով մեռած խոյերի գլուխները, նրանց արյունով խաչված ճակատներով մանչուկները ժայռերի ծերպերին տաքացող ծիածանի յոթ գույնի մողեսներ էին սպանում, հետո թաղում էին խոտերի մեջ ու նստած սպասում նրանց հարության պահին… Ու դա պիտի օգներ նրանց՝ կյանքի ընթացքում ոսկու գանձերի տեղն իմանալուն…

Սա գարնան առաջին տոնն էր՝ Սուրբ Հովհաննեսի հովանավորությամբ…

Ամեն գյուղ իր լարախաղացն ուներ։ Նրանք մրցման մեջ էին մտնում ու այնքան էին բորբոքվում մրցավեճից, որ լարերը ձգում էին Սիրգի ձորի վրայով, իսկ հանդիսատեսները սկզբից շնչահեղձ էին լինում, հետո քրտնում էին ու քրտնում։ Մասրենու թփերի ետեւը՝ բարդիների տակ աղջիկներն իրենց առաջին տաք համբույրն էին նվիրում պատանիներին, որոնք խանդից դանակներով իրար փոր էին կտրատում։ Օրվա վերջում սայլերի քարավանները երգերով դեպի գյուղերն էին ձգվում։ Իսկ խաչքարի շուրջը փռված վրանների մեջ մնում էին հասակավոր կանայք՝ իրենց ամոթխած չբեր հարսների հետ։ Սպասում էին գիշերվա այն պահին, երբ լուսնի կաթնագույն լույսը լցվում էր ափիբերան խոտերի բողբոջների մեջ, նորելուկ սնձի տերեւների տակ, փոսերի խորության մեջ, քարերի ճեղքը։ Երբ ծաղիկները սկսում էին խոսել իրար հետ, նրանց մերկ հարսները դուրս էին գալիս վրաններից, քայլում էին ձնծաղիկների վրայով, որպեսզի գարնան առաջին օրը հողին ու իրենց պտուղ պարգեւի։

Իսկ մոլորյալ գիշերաբզեզները բոլոր կողմերից գալիս ու բախվում էին նրանց տաք մարմիններին… Առավոտյան երջանկություն ճառագող դեմքերով մեղրամոմեր էին վառում Սուրբ Հովհաննեսի առաջ, իսկ երկար, արձակ վարսերից դեռ ծորում էր լուսնի կաթնագույն լույսը, լցվում պատի երկայնքով շարված մեռած խոյերի բաց աչքերի մեջ…

Ժողովրդական այսպիսի տոների ժամանակ էր, որ ինչ֊որ խմբի կողմից հրդեհվում էր կոլտնտեսության պահեստները, թռուցիկներ փակցվում գյուղխորհրդի գրասենյակի ու դպրոցի պատերին, մութ անկյուններից գնդակներ արձակվում ղեկավար անձանց թիկունքներին։ Պատահում էր, որ Սանդրոյի կողմից վերեւներից հրավիրված մարդիկ արգելում էին մասսայական տոնախմբությունները, բայց նորովի հրավիրված հանձնաժողովը գտնում էր, որ արգելելը ճիշտ չէ, քանի որ շրջկոոպի պահեստները դատարկ էին, իսկ գյուղի խանութում միայն կծված, նամշահոտ ձեթն էր պճպճում ժանգոտ տակառների մեջ, իսկ գյուղացու համար ապրանքափոխանակությունն անհրաժեշտ էր։ Վերջում Սանդրոյի ցուցմունքով ձերբակալվում էին մի քանի մարդ ու հարազատների ողբ ու կոծի տակ աքսորվում Սիբիրի խորքերը։

Սանդրոն Ախալքալաքի ղեկավարության առաջ հարց դրեց եւ նրա պահանջով գյուղին միլիցիոներ կարգեցին։ Միլիցիոները շաղգամի արտի պահակ Մանուկն էր։ Նա Սանդրոյի հետ էր ման գալիս, նրա հետ նստում֊վեր կենում։ Մի օր էլ, երբ հաշիվները փակում էր կոլտնտեսության աշխօրերի մատյանում, որ անցնի ծառայության, իր ստորագրության՝ խաչի փոխարեն մուրճ ու մանգաղ դրեց։ Այդ պահից էլ գյուղացիք նկատեցին, որ Մանուկը Սանդրոյի թիկնապահն է։ Նա վերեւների պահանջով մեր եւ հարեւան գյուղերից «յորղա» ձիեր հավաքեց։ Քսան հատ սպիտակ ձիեր առաջն արած անվտանգ հասցրեց Թբիլիսի՝ Բերիայի կնոջը։ Այդ քնքուշ կինը շատ էր սիրում ձիով զբոսնել։ Որպես երախտագիտության նշան, նա Մանուկին իր ոսկեկար մաշիկն էր նվիրել։ Իսկ Մանուկը, ատրճանակի պատյանում, մաուզերի փոխարեն հաճախ ոսկեկար մաշիկն էր ման տալիս։ Սարսափահար գյուղացիք հավատացած էին, որ ոսկեկար մաշիկը կրակում է մաուզերի նման։

Մի անգամ միլիցիոներ Մանուկը գյուղի շրջակայքում օտար հետքեր որոնելիս (գյուղում չկար այնպիսի ոտնաման, որ ներբանների պատճեն նրա տան արխիվում գրանցված չլիներ) թփերի տակ թաքցրած մաուզեր է հայտնաբերել։ Տասն օր ու գիշեր թաքստոցում դարանել է տիրոջը։ Հետքը հասցրել է հարեւան գյուղը, որտեղ «հակաների բջիջն է բույն դրած եղել»։ Մաուզերի պատյանից քաշել է ոսկեկար մաշիկը, ու շուրջկալի մեջ ընկած գյուղի կեսն ամայացել է։ Մյուս կեսին ոսկեկար մաշիկի համազարկը հասել է ձյունոտ դաշտում։ Ու այդ ձմեռ ամայի գյուղի փլատակ֊լռությունից դուրս եկավ մարդագելը՝ սահմռկած գյուղացիների ձմռան երկար գիշերների հորինած պատմություններով։ Գյուղացիների վախեցած երեւակայությունը նրան էր վերագրում աշխարհի բոլոր առեղծվածային չքացումները։ Իբրեւ նա մարդուն մերկացնում է, հետո հոշոտում։ Իբրեւ մարդու չափ խորամանկ է, մարդու չափ խելացի։ Թաքնվում է ծխնելույզների տակ եւ սպասում ոտաց ճանապարհ գնացողներին, թաքնվում է կտուրներին, խոտերի դեզերի տակ ու սպասում լուսումութին անասունների համար կեր իջեցողներին, թաքնվում է շվաքներում՝ սպասում հարսներին։ Թաքնվում է գետի ափին՝ սառույցների տակ, սպասում կովերը ջրի տանող անասնատիրոջը։

Ոտաց ճանապարհ գնացողներն այդ գործողություններն սկսեցին տանն անել՝ պուտուկների մեջ։ Կտուրներից խոտ իջեցողները սպասում էին լույսը բացվելուն, գոմերում սովահար անասունները մելամաղձոտ բառաչում էին, գյուղը գցելով տագնապի մեջ։ Օդաների անհարմարություններից նեղված հարս ու աղջիկներ, որ շվաքներում համբուրվում էին փեսացուների հետ, էլ շվաքներ չէին մտնում։

Չնայած այս միջոցներին, դարձյալ գյուղից գիշերով մարդիկ էին անհետանում, իսկ մարդու չափ խելացի, մարդու չափ խորամանկ մարդագելը հզորանում էր։

Առավոտյան դաշտերում հայտնաբերվում էին ծվեն֊ծվեն շորերի լաթեր, ոսկորներ եւ արյունոտ ու ծեծված ձյան մի կլոր կալատեղ։ Անհետացողների խմբի մեջ մանուկներ, պատանիներ էլ մտան։ Մարդագելի երախից պրծնողներ էլ եղան, որոնք հետագայում, իրենց ամբողջ կյանքի ընթացքում կրեցին գազանի ատամնաշարի հետքերը։ Պակասածների թիվը հարյուրի հասավ։

Միլիցիոներ Մանուկը, չվախենալով մարդագելից, լուսումութին սահնակով Թբիլիսի մեկնեց։ Այն քնքուշ կնոջը, որ սիրում էր սպիտակ ձիեր հեծնել, շաղգամ, վայրի մաքուր մեղր տարավ։ Որովայնացավերի համար նրան բժիշկները խորհուրդ էին տվել մեղրով ու սեւ շաղգամով սնվել։ Մանուկն այնտեղից վերադարձավ մյուս՝ կողքի պատյանում երկրորդ ոսկեկար մաշիկը կախ տված։ Իր հետ գյուղի փրկության հրամանն էր բերել Ախալքալաքի զինկոմիսարիատին։ Զինվորական վաշտերը շրջափակեցին անտառները, ձորերն ու գյուղերը։ Տասն օր ու գիշեր թափառեցին, մինչեւ որ միակ մարդագելին գտան։ Գնդակներից խոցոտված զոլավոր մարմինը գցեցին գյուղի կենտրոնը, սարսափը ցրվեց։


  • * *

Տիրան հորեղբայրս փոքր ժամանակ եզներ է արածացրել։ Մի անգամ, երբ շատ է շոգել, հանել է բրդից գործած շալվարն ու մնացել տատիս կարմիր քիշմիրյա գլխաշորից կարած թումբանով։ Հանգիստ արածող եզները դունչները նրան մեկնած՝ հոտոտել են օդն ու կատաղի բառաչելով հարձակվել կարմիր թումբանի վրա։ Տիրանը խուճապահար, լաց լինելով, եզների առաջն ընկած՝ վազել է դեպի գյուղ։ Բախտիարը (նրանցից առաջ է անցել) հասել է ու դնչով տապալել հորեղբորս, առել չորս ոտքերի արանքը եւ պոզահարել հարձակվողներին։ Փորի տակ առած հորեղբորս պատճառով չի կարողացել շրջվել՝ իրեն պաշտպանելու, թիկունքը մնացել է կատաղած եզներից անպաշտպան։ Ու կյանքում առաջին անգամ, վախեցած այնպես է բառաչել, որ ամբողջ գյուղը սահմռկել է։ Տատս հունցը կիսատ է թողել, խմորոտ ձեռքերով ծնկները ծեծելով վազել է ջրաղաց, ասել է․ «Օնան, հասի, Բախտիարի ձայնն է, ականջս ծակեց, էն տղուն հանդում բան պատահեց»։

Տիրանին ազատել են։ Երբ նա տեսել է Բախտիարի պատառոտված կողերն ու ազդրերը, լաց է եղել ու որոշել է անպայման բժիշկ դառնալ։ Հետո բժշկական ինստիտուտի չորրորդ կուրսից պատերազմ է գնացել։ Վերադարձել է ու այլեւս չի շարունակել։ Այդ կրթությամբ էլ գյուղի դպրոցում դաս էր տալիս ու ամենախիստ ուսուցիչն էր։

Սերո հորեղբայրս, երբ փակել է երկրաբանական ֆակուլտետի առաջին կուրսը, արձակուրդներին գյուղ է եկել իր քաղաքացի ընկերոջ հետ։ Երկար թափառել են ջրաղացի շուրջբոլորը, մի տեղ էլ ոտքով թփթփացրել են․ «Դատարկության ձայն է գալիս, ոսկու հանք կլինի»։ Երբ բահ ու քլունգ առած ուզեցել են փորել, պապս Արարատից, Մարգարից ու Տարիելից հետո առաջին անգամ քթի տակ թթու խնդմնդացել է, թե․ «Էդ երեխուն տուն կանչեք, գյուղի առաջ խայտառակ չանի»։ Ասել է․ «Նախ, ոսկի գտնելու համար հարկավոր է ինստիտուտը վերջացնել, ոչ թե առաջին կուրսը»։ Ասել է․ «Երկրորդ՝ Խեչոն էդքան հիմար չէր՝ ջրաղացը սարքեր ոսկու հանքի կողքին ու չիմանար»։ Ասել է․ «Երրորդ, որ էդ դատարկությունը ջրաղացից է, ջրաղացի տակը դատարկ է ու արձագանքում է»։ Երեկոյան, երբ արեւի մայր մտնելուց հետո աշխատանքից վերադարձել էին բոլոր տղամարդիկ, պապս բակ է դուրս բերել նրանց, մի հարմար տեղ ոտքով թփթփացրել է ու թե․ «Էս գիշեր ջրհոր կփորեք, հերիք չէ՞, որ ձեր կնիկները Չարդախենց ջրհորից ջուր բերեն, ու նրանց ջահելները ժպտալով ետեւներից նայեն։ Թասիբ ունեցեք, ձեր հերն եմ անիծել։ Խեչոն ժայռեր է փորել, մինչեւ որ գետը հասցրել է ջրաղացին, թե չէ բան չսովորած, ուզում եք ոսկու հանք գտնել»։ Առավոտյան գյուղով մեկ ճռճռում էր ջրհորի ճախարակը, մեր հարսները ջուր էին հանում…

Բայց Սերո հորեղբայրս այլեւս ինստիտուտ չգնաց։ Ջրհորը փորելու ժամանակ քարերը պայթեցնելու համար ինքնաշեն պայթուցիչ էր օգտագործել ու, չէր հասցրել տեղադրել, պայթել էր ձեռքերի մեջ։

Երբ մերոնք նրա քաղաքացի ընկերոջը ճանապարհեցին, պապս աղացի չխկանի վրա մեր Բախտիարի նալերից մի հատ էլ կախեց։ Հորեղբորս վերքերը լավացան, նա նստում էր դռան մեծ քարին, մեզ չէր լսում՝ թմբկաթաղանթները պատռված էին։ Օրերով ու ժամերով խոսում էր իր, իր կտրված աջ թեւի ու ջրհորի հետ, երկար նայում էր անցուդարձ անող հարսների ետեւից։ Ջրհորից ջուր տանելը պատճառ բռնած, օրական մի քանի անգամ նրա առջեւով Խուրջականենց Օրեստիի աղջիկն էր անցուդարձ անում, իսկ նա անտարբեր էր։ Մի օր էլ նա առավոտ վաղ վեր կացավ եւ ոչխարները տարավ արածեցնելու, ուզում էր հովվություն անել։ Օրեստիի աղջիկը դաշտ էր գնացել նրա ետեւից։ Երբ խոտի դեզի տակ մի ձեռքով շատ է տանջվել նրա հետ, Օրեստիի աղջիկը հասկացել է, որ մի ձեռքով դժվար է նրա համար, խղճացել է, ուզեցել է օգնել ու ինքն է նրա շալվարի կոճակները արձակել, փաղաքշական խոսքեր է ասել նրա ականջին, բայց նա չի լսել։ Երեկոյան ոչխարը տուն բերեց, երկար նստեց դռան քարին։ Օրեստիի աղջիկը կրկին եկավ մեր ջրհորից ջուր տանելու։ Մազերին կպած փոքրիկ աննկատելի փուշը մատնում էր նրանց գաղտնիքը։ Հորեղբայրս դարձյալ անտարբեր էր։

Նա, մինչեւ տեղից վեր կենալն ու ջրհորում խեղդվելը, արդեն իր ներսում օրեր առաջ իրեն խեղդել էր։ Առավոտյան նրա կապտած դին պապս հանել էր ջրհորից ու դրել քարե սալիկների վրա, թաց շորերից դեռ ջուր էր քամվում ու փոքրիկ առվակներով վազում սալիկների արանքով՝ ճեղքերից դուրս քշելով որդերին։ Ինքն իր դեմքը ճանկռոտած Օրեստիի աղջիկը եկավ, նայեց, նայեց դիակին ու հավաքվածների ներկայությամբ ասաց․ «Բա ասում էր Մելիք֊Խեչոն Էրգրում թերթի խմբագիր էր, փախեփախի ժամանակ քաղաքը չի լքել, փլատակների տակ մեռնողների համար թերթ է հրատարակել։ Տղայիդ կպահեմ, որ ծնվելուց հետո քո վախի հետ խաղալով ապրի»։ Ու կոկորդում խեղդելով լացը հեռացավ։

Թաղումից հետո պապս ջրաղացը մեկ օրով կանգնեցրեց։ Ջրհորը նորից փակեց հողով ու շուտով նրա վրա առատ խոտ աճեց։

Տղաներին նորից հավաքեց, ասաց․ «Ձեր հերն անիծած, եթե թասիբ ունեք, փորեք մի նորը»։ Ու ջրհորն առավոտյան պատրաստ էր արդեն։

Չարդախենց Հոռոմը ցորեն է հանել կտուրին, արեւի տակ փռել։ Իլիկը լիքը ազդրին է խփել ու կծու մանվող թելի վրա մնացած բրդի կտորն է ատամներով պոկել ու սրա֊նրա ականջին փսփսացել, թե․ «Օրեստիի աղջիկը ղանջղ է»։ Օրեստու կին Փեփրոնը լսել է ու ամուսնուն ասել է․ «Մեխի դեգեցա, մեխի[5]… Ի՞նչ մարդ ես որ, գնա, Օնանի տունը գլխին քանդի»։ «Սուս, այ կնիկ, ամոթ է»,— ձեռքը սեղանին է խփել Օրեստին․ «Մարդիկ մեռելի տեր են»։ Ու տնից դուրս է եկել։ Կինը ետեւից ասել էր․ «Շավի միծա չագաղարե»[6]։

Երբ ամբողջ գյուղը տեսավ ու հավատաց, որ Օրեստիի աղջիկը հղի է, Օրեստին ինքն էլ հավատաց՝ պապիս հետ քիթը կախ խոսեց ու աղջկան տնից դուրս արեց։ Գյուղում մի ավեր տուն կար, նա էլ կարգի բերեց ու սկսեց ապրել, կարծես ոչինչ չէր եղել ու ինքը մերժված չէր։

Մի օր Հայկուշ տատս հաց էր թխել, վերջացնելուց հետո մի քանի թարմ լավաշ ու ոչխարի պանիր փաթաթած, գոգնոցի տակ պահած, գնացել էր Օրեստիի աղջկա տուն։

Երեկոյան, մեր տան ճաշի սեղանի մոտ նստածները լուռ էին։ Տատիս ձախ աչքի տակ կապտած էր, դեմքին եղունգների ճանկռվածքի տեղեր կային։ Օրեստիի աղջիկն իր տան շեմի վրա ծեծել էր նրան, լավաշները տվել էր թեւի տակ ու ետեւից ասել էր․ «Պիտի բերեմ, որ տղայիդ ապրելու վախի հետ խաղալով՝ ապրի»։ Ու տատս ձեւացրեց, թե իր հետ ոչինչ չէր եղել, բայց ներսում չսուզվող մորմոք կար։

Մի օր տերտեր Հակոբի աղջիկը իրիցկնկա հետ մեր ջրաղացը կորկոտ է բերել՝ դինգի տակ ծեծելու։ Հորեղբայրներիցս ավագը՝ Տիրանը, տեսել է աղջկան ու հավանել։ Երբ խոսել է տերտերի աղջկա հետ, աղջիկը ասել է․ «Չէ»։ Դե նա էլ ուսուցիչ մարդ է եղել, հասկացել է, որ «Չէ»֊ն չէ է։ Տուն է եկել։ Պապիս քիթը նրա վրա կախ է եղել ու ասել է․ «Գոնե հինգ փութ կորկոտը շալակիդ, իրիցկնկա ու աղջկա առաջն ընկած, չանցնեիր գյուղամիջով։ Ասելու են Օնանի վարժապետ տղին աղջիկ չտվին»։ Երբ հայրս լսել է Տիրան հորեղբորս հինգ փութ կորկոտը շալակին իրիցկնկան ու աղջկան ուղեկցել եւ մերժելու պատմությունը, մյուս օրը գիշերով տերտերի աղջկան փախցրել է իր համար։ Իսկ տերտեր Հակոբը հորս ետեւից անիծել է․ «Անիծյալ լինի ձեր ցեղը, որ անիծյալ է, սրբազան Լոմոյի սպանության համար»։ Ասել է․ «Էն խնկի ծառը, որ տարիներով ծխում է, ձեր մեռելների խունկն է ծխում, չի հանգելու, մինչեւ ձեր ցեղը իսպառ վերանա»։ Հայրս տերտերի աղջկա հետ մի ամիս ապրել է ու թե․ «Գնա, ես սիրած ունեմ»։ Չխոսկան մայրս, որ պապիս հետ հարսնություն էր անում, մոտեցել էր նրան ու ասել, որ հայրս իրեն դուրս է անում։ Այդ օրը պապս տնեցիներին կարգադրել է, որ շուտ քնեն ու դուռը ներսից փակեն։ Դրսում մնացած հայրս մի ամիս սրա֊նրա գոմում է քնել։ Չխոսկան մայրս մոտեցել է պապիս, թե․ «Թող տուն գա»։ Նա էլ Նիզարի՝ Գիգոլի կնոջ միջոցով Գիգոլին լուր է ուղարկել․ «Թող գնա էն էրեխուն տուն բերի»։ Ու Գիգոլը բերել է։

Պապս Գիգոլի հետ չէր խոսում․ «Որպեսզի իր մեծությունը երեւա»,— մեկնաբանում էին մեր հարսները։

Գեւորգ հորեղբայրս Տաշքենդից պապիս փափախ է ուղարկած եղել։ Պապս փափախը ծածկել է ու լուր է ուղարկել․ «Գիգոլին կանչեք, գա նայի»։ Երբ նա ուշացումով է եկել, ասել է․ «Ծանր տեղս իզուր թեթեւացրի»։ Բայց պապս իր «մեծության» լեգենդը միայն մեր հարսների համար էր հնարել, որ Գիգոլը կանանց համար Գիգոլ մնա։

Մի տարի երաշտ ու կարկուտ եղավ, ցորենի դաշտերը հավասարեցրեց գետնին, գզեց ու գզգզեց։ Վայրի թռչուններին սատկեցրեց, քշեց, գետը լցրեց։ Բաց դաշտում՝ գյուղի սագ ու բադերը ուղեղի ցնցում ստացան, տան ճանապարհը կորցրած, լցվեցին ձորերը, վայրի կատուների բաժին դարձան…

Պապս Գիգոլին ասել է․ «Սով է լինելու, սայլերը լծի, գերանդիները առ, ընկնենք սարերը՝ խոտ քաղելու»։ Գիգոլը ոտքը կախ է գցել, չի համարձակվել հակառակվել, գնացել֊եկել է, թե․ «Սայլերը սարքին չեն, թե գերանդիները մաշված են, թե ջրի տիկերը ծակ են, թե քեղակապերը հին են»։

Պապս ասել է․ «Լեզվիդ տակինն ասա, ի՞նչ ես մլուլ տալիս, օրը ճաշ դառավ»։ Գիգոլը գլուխն է քորել ու․ «Եսիմ, ի՞նչ գիտեմ, սովի տարին խոտհարքի գնալը սխալ բան է, ավելի խելացի կլինի գնալ Վրաստանի խորքերը՝ չայ հավաքելու, մեծ ընտանիք ենք, կկոտորվենք»։ Պապս ասել է․ «Դու սայլերը լծիր ու քո խելքը չհասնող գործերին մի խառնվիր»։ Ասել է․ «Խեչոն էդքան հիմար չէր, որ ցորենի հորերի ճակատին, կրով ու ձվի դեղնուցով անիմաստ բաներ գրեր։ Նախ՝ իզուր տեղը մեծերի իմաստությունը անգիր չես արել ու երեխանցը չես սովորեցրել»։ Ասել է․ «Երկրորդ՝ հենց հիմա գնա հորը մտիր ու մի հատ էլ կարդա»։ Գիգոլը երեխաներիս ծիծաղ֊հռհռոցի տակ իջավ հորը։ Պապս հարցրեց․ «Կարդացի՞ր, մի հատ էլ բարձր կարդա, մենք լսենք»։ Նա մեզ լռեցրեց, ու հազիվ լսում էինք Գիգոլի խեղդվող ձայնը․ «Աստված օրհնյալ է։ Մենք լցրեցինք ցորենով, դուք լցրեք խոտով, էլի կապրեք»։ Երբ Գիգոլը դուրս եկավ, պապս ասաց․ «Էդ խոսքերի մեջ մեծ ճշմարտություն կա, բայց քիչ չէ նաեւ ծաղրը։ Եթե խոտ ունենանք, կունենանք նաեւ մթերք։ Դե, հիմա շուտ արա, չուշանանք, լծիր սայլերը, սովորել եք ուրիշի դռներին վիզ ծռել՝ բատոնո, եկել ենք չայ հավաքելու, մի փոր հաց տվեք»։

Այս խոսակցությանը ներկա եղած խելառ Օնանը, տարիներ հետո քաղաքում մահացող հորս մահճի կողքին մտաբերել է պապիս հրամանը․ «Աստված օրհնյալ է։ Մենք լցրեցինք ցորենով, դուք լցրեք խոտով, էլի կապրեք»։

Տաշքենդում բնակվող հորեղբորս դեմ կատաղած, Օնանը ինքն իրեն խոսել է․ «Հորերը դատարկ մնացին, գերանդի քաշող չկա, Աստված մոռացավ մեզ։ Մեծ ճշմարտություն է հորերի գիրը, բայց նաեւ քիչ չէ ծաղրը»։

Ամիսներ հետո, երբ պապս ու Գիգոլը խոտի տակ ճռճռացող սայլերով մոտեցել են գյուղին, գյուղխորհրդի նախագահ Սանդրոն սայլերի առաջն է կանգնել, թե․ «Էս դուք ի՞նչ եք անում, կոլտնտեսության խոտը դեռ հանդերում է, ո՞վ է ձեզ իրավունք տվել, որ խոտ տանեք տուն»։ «Մեր քաղը եղել է գյուղի սահմաններից դուրս, արի կլինի թող, մենք էլ, դու էլ բարով տուն հասնենք»։ Սանդրոն օրենքի անունից ոտքը փոշոտ ճանապարհին է խփել, թե․ «Չէ»։ Ոտքի հարվածից փոշին բարձրացել, երկինք֊գետին է պատել։ Պապս սպասել է մինչեւ փոշին նստի, հանել է բորբոսնած կիսամուշտակը, գցել Սանդրոյի ոտքերի տակ ու ցույց տվել լնդախտով հիվանդացած, ուռած ու ճաքճքած լնդերը, ասել է․ «Հեռվից ենք գալիս, աղ չկար, անալի խոտ ուտելուց ատամներս թափվում են ու մեր խոտը կոլտնտեսության խոտի հետ կապ չունի, թող բարով տուն հասնենք»։ (Երկու ամիս անընդհատ տատս հավի ծերտով ու ձվի կեղեւով, հարսներից թաքուն, բուժում էր պապիս լնդախտն ու կրկնում․ «Այս դարմանը բարի յափրաղ է»։ Որ նրանց սկեսրայրը «ծիծաղելի» չերեւա)։ Նախագահ Սանդրոն ոտքը գետին է խփել․ «Չէ ու չէ, խոտը տարեք կոլտնտեսության խոտանոցը, թե չէ Ախալքալաքից մարդ կանչել կտամ»։ Գիգոլը մոտեցել է պապիս ու ականջին փսփսացել․ «Արունքտեր Սանդրոն է, գործ չունես, արի խոտը տանք, հասնենք տուն»։ Պապս Գիգոլին չի պատասխանել, թռել է սայլի վրա, եղանն իջեցրել է, թե․ «Սանդրե, ես տղամարդ էի, խոտը քաղել, բերել մինչեւ այստեղ հասցրել եմ ու տուն էլ կհասցնեմ, թե դու էլ տղամարդ ես, փորձիր սայլերին մոտեցիր, մի թողնի»։ Գիգոլին հրամայել է․ «Քշի՛ր, այ տղա»։ Ինքը եղանն ուսին սայլերի կողքով է գնացել։ Սանդրոն սայլերի շուրջբոլորն է վազել այնպիսի հեռավորությամբ, որ եղանը չհասնի ու պապիս օջախը քարուքանդ անելու սպառնալիքով հասել է Ախալքալաք, հետո էլ, որպեսզի իր պաշտոնի ուժը ցույց տա, սպառնալիքը հասցրել է Թբիլիսի։ Մոտակա գետակում լողացող տղեկները վազել, եկել են վեճը դիտելու։ Սանդրոն նրանցից մեկին է տվել սպիտակաբաշ ձին, ասել է․ «Հասիր, հարայ տուր, Մանուկը թող գա»։ Մանուկը սայլերի դեմն է կանգնեցրել ղռղռացող փայծաղով քրտնաթոր ձին եւ աջ ու ձախ պատյաններից քաշել է զույգ ոսկեկար մաշիկները։ Գիգոլը սարսափից կարկամել է, ասել է․ «Սայլն էլ վերցրեք, խոտն էլ, թողեք մեր տուն հասնենք»։ Պապս ասել է․ «Լացկան Լեւոնի տղա Մանուկ, էդ ե՞րբ իշխանության տեր դարձաք։ Հայրդ Էրգրում լացում էր, տանից դուրս չէր գալիս, թե՝ արեւից վախենում եմ»։ Սանդրոն ասել է․ «Օնան, սրտոտ լինելու համար մարդ ոտքի տակ իր սեփական հողը պիտի ունենա։ Մեծ֊մեծ խոսալուդ նայե՞նք, թե՞ չունեցածդ հողին։ Դու պետական համազգեստով մարդուն ես վիրավորում։ Զորօրինակ՝ պետությանը։ Գիտե՞ս, որ Մանուկը ուզենա դրա համար ի՞նչ կանի»։ Պապս ձեռքն է թափ տվել ու ասել․ «Արեք, Սանդրո, արեք, տեսնենք»։ Գիգոլը գույնը գցել է․ «Արի, դրանց հետ գլուխ չդնենք, տան, ընտանիքի տեր ենք»։ Պապս դարձյալ նրան չի պատասխանել։ Երբ հասել են մեր կալերը, խոտը կիսել է․ իր հասանելիքը լցրել է հորը, Գիգոլինը տվել է իրեն ու ասել․ «Ոնց կուզես, այնպես էլ արա»։ Գիգոլն իր բաժին խոտը Սանդրոյի ու միլիցիոներ Մանուկի հետ տարել է կոլտնտեսության խոտանոցը։ Պապիս ու Սանդրոյի վեճից հետո, նույն օրը երեկոյան, տատս կովերը կթել է ու պապիցս թաքուն մի դույլ կաթ տարել Սանդրոյենց տուն, թե․ «Աղչի Շուշան, ձեր կովը ղսըր է, շուտվանից էրեխեքը մածուն կերած չեն լինի․ գիտե՞ս, շուտ էի որոշել, որ էսօրվա կաթը ձեզ բերեի»։ Պապս երբ լսեց, ասաց․ «Տղամարդու փափախը վար բերողը կինն է»։ Ու ամիսներով տատիս հետ չէր խոսում։ Այդ դեպքից հետո հնարել է իր «մեծության լեգենդը» ու Գիգոլի հետ խոսացել է Նիզարի միջոցով։

Նիզարն աղջնակ ժամանակ եկեղեցու պատի տակ մատաղացու աղավնիներ է ծախել, չարաճճի Գիգոլը ծեծել է նրան, որ փողերը ձեռքից վերցնի։ Նիզարը ճանկռոտել է նրա կուրծքն ու դեմքը, հետո կտուրների վրայով իրեն հետապնդող Գիգոլից փախել է դեպի տուն։ Պատահականորեն, բաց մնացած մեկի երդիկից ընկել է ներս ու ոտքը ջարդել մի քանի տեղից։ Գյուղական հեքիմների միջոցները նրան չեն օգնել, եւ քաղաքում բնակվող նրանց բարեկամները տարել են իրենց մոտ։ Տարիներ հետո Նիզարը գյուղ է վերադարձել գիմնազիան վերջացրած՝ ժանեկավոր օձիքով, աչքերի մեջ գիտության վեհությանը հասու մարդու խելոքությամբ եւ քաղաքի բժիշկների երկար չարչարանքից հետո դարձյալ կաղ մնացած։ Մեր եւ ամբողջ շրջակա գյուղերի միակ ու իսկական կրթություն ստացած ուսուցիչը, որի առաջ գլխարկներն էին հանում, եւ նույնիսկ տեր Ներսոն խոնարհվում էր։ Իսկ նրան հասակակից գյուղի ջահելները, նրա՝ քաղաքացու շարժուձեւից ամաչելով, աչքները գետին էին հառում։ Մի քանի տղամարդիկ, որոնց կանայք մահացած էին, հերթով Նիզարի ձեռքը խնդրեցին ու մերժվեցին։ Նիզարը չափից ավելի հպարտ էր՝ պատահական մարդու կինը դառնալու համար։ Հետո մի օր, ամուսնանալու ժամանակ, Գիգոլը հիշել է Նիզարի աղջնակ ժամանակվա ճանկռտուքը։ Նրա դպրոցից վերադառնալու ժամանակ, կտրել է ճանապարհն ու աչքերի մեջ նայելով, ասել․ «Ես երազել եմ այնպիսի մի կին ունենալ, որ անկողնում ինձ հետ չհաշտվի, ճանկռոտի կուրծքս ու դեմքս, չէի՞ր ուզի իմ կինը լինել»։ Գիգոլն առանց ամաչելու աչքերի մեջ է նայել ու այդպես էլ ասել, մեր եւ ամբողջ շրջակա գյուղերի միակ վարժապետին։ Նիզարը շատ էր հպարտ, որ պատճառաբաներ իր կաղ ոտքը եւ դարձավ մեր Գիգոլի կինը։ Ու նրանք շատ էին երջանիկ։ Գիգոլը Նիզարից ժառանգ չունեցավ, ամբողջ կյանքում ողջ մարմնին կրեց նրա եղունգներից մնացած սպին ու անհուն սերը։

Երբ Տիրանը տեսել է, որ պապիս քիթը կախ է իր վրա՝ իրիցկնկա ու նրա աղջկա առաջն ընկած, տասներկու փութ կորկոտն էլ շալակին, գյուղամիջով անցնելու պատճառով, նրան գոհունակություն տալու համար, մի գիշեր Չարդախենց աղջիկներից՝ Չինարին է փախցրել։ Երբ նրանց ջահելները մի շաբաթ սար ու ձոր ընկած՝ չեն գտել փախստականներին, պապս գոհ է մնացել։ Կամաց֊կամաց Չարդախենք ու մերոնք խնամիություն են արել՝ կամ ու եզ, սայլ են իրարից տարել, բերել։ Մի օր Չարդախենց հոտաղներից մեկը գյուղը հարայ է գցել, թե․ «Օնեսի եզը Օնանի Բախտիարին հանդում լծի տակ խեղճացնում է»։ Պապս կյանքում առաջին անգամ մոռացել է փափախը ծածկել ու գլխաբաց, տրեխների թելերը չկապած՝ շտապել է հանդ։ Բախտիարը հանդի մյուս ծայրից նկատել է պապիս ու մելամաղձոտ բառաչել։ Պապս հոտաղին կողքի է հրել, մտել է ակոսների մեջ ու քայլելով մեր Բախտիարի հետ, ասել է․ «Գլուխս բաց եմ եկել, գենացվալե[7]»։ Բախտիարի աչքերից արտասուք է գլորվել ու աշխատել է պապիցս ետ չմնալ, կամաց֊կամաց արագացրել է քայլերը եւ դեռ չհասած հանդի գլուխ՝ Օնեսի եզան մեջքը ծռվել է լծի տակ ու հեւասպառ ընկել է։ Պապս Բախտիարին արձակել է արորից, ասել է․ «Օնես, քո խնամիությունը հարամ է, մեր եզան կճղակներից երեւում է, որ անընդհատ նրան վարած կողմն եք գցել, որ խեղճանա»։ Ասել է․ «Մեջքին էլ ճիպոտի տեղեր շատ կան»։ Բախտիարի աչքերից քշել է մժղուկների պարսն ու երկուսով տուն են եկել։ Օնեսը պապիս ետեւից ձայն է տվել․ «Օնան, ամեն մի խոսքդ մի փութ մեղրով չի ուտվի»։ Ասել է․ «Ի՞նչ եղավ, եզ էր, էլի… ընկնենք, մեռնե՞նք… Էդքան ցավող ես, էն ձեր գնացած֊չեկածների համար ողբա»։

Զաքարը՝ եղբայրներից ամենակրտսերը, պապիս՝ տանը մոռացած փափախն է նրանց ընդառաջ տարել։ Զաքարի ամուսնությունից հետո ոչինչ չկար։ Տանը բոլորը շշուկով էին իրար հետ խոսում։ Երրորդ օրվա երեկոյան, երբ ամբողջ ընտանիքով նստել էինք ճաշի, սեղանի շուրջը քար լռություն էր։ Հայկուշ տատս խաշիլի պուտուկը ձեռքին, դեռ չհասած սեղանին՝ մոլորվեց անսովոր տխուր լռության մեջ, գայթեց, ձեռքի պուտուկը խփեց գետնին, մի քիչ մոլոր՝ ասավ․ «Չի կարող պատահի՝ տղայիսը ճլորած լինի»։ Ասավ․ «Ամոթը կոտրել է պետք»։ Պապս սեղանի ծայրից քթի տակ ասավ․ «Էս տուտուցի մամաձաղլի[8]… ձայնդ, ես քո…»։ Փափախն առավ ու դուրս եկավ, եւ այդ օրը ամեն մեկը մի պատճառ բռնելով՝ տանը չքնեց։ Տատս գոմի մեջտեղը մոխիր փռեց, թոնրի վրա եռացող պղնձից ջուր քաշեց դույլերի մեջ, մեծ փայտյա տաշտը դրեց մոխիրի վրա։ Օհաննային ասավ․ «Հանիր շորերդ, դոխս»։ Ինքը գնաց Զաքարին բերելու։ Օհաննան կանգնել էր տաշտի մեջ ու շորերն էր հանում։ Սպիտակ բատիստե նուրբ գիշերանոցի տակ խաղում էին նրա լիքը կրծքերը։ Հայացքը մշուշոտ էր ու պտտվում էր իր աջ ու ձախ կողմերին կապված անասունների վրայով ու կանգ առավ օճորքին՝ աղավնիների վրա։ Երբ նա գիշերանոցն էլ հանեց, իմ վրա հաճելի մի սարսափ իջավ, մեջքս տաք քրտնել էր, ու ես դողում էի։ Ստինքները այնպես մեղմ էին երերում նրա շարժումներից ու այնպես նրբորեն էին ճապաղել իրենց ծանրությունից, կարծես իմ ու Զաքարի ողջ կյանքն էր խեղդվում նրանց մեջ։ Գոմի հեղձուկ հոտի մեջ այնպես հաճելի էր բուրում նրա մարմինը։ Երբ նա նուրբ մատներով արձակեց բատիստե ներքնաշորի կոնքաթելերը, զգացի, որ ցրտից մրսում եմ ու դողացնում։ Հիմա ծնկներս կծալվեն ու ճրագը կգցեմ ձեռքիցս։ Օհաննան գեղեցիկ էր։ Տատս Զաքարին բերեց։ Նրանց մեջք մեջքի նստեցրեց տաշտի մեջ, ասավ․ «Իսուս Քրիստոս»,— ու ջուրը լցրեց գլխներին։ Տատիս ու իմ ներկայությունը պիտի կոտրեր նրանց ամոթը։ Օհաննայի աչքերից կարմիր արտասուքներ էին գլորվում, տատս նրա թաց գլուխը համբուրեց, ասավ․ «Տանջանքներդ անցավ, դոխս, էսօր կարձակես ղարիբության գոտիդ»։ Զաքարն անօգնական կուչ էր եկել տաշտի մեջ ու երբեք չնայեց իմ աչքերին։ Ամբողջ ընտանիքի եւ նույնիսկ տատիս հակառակ, միայն նա հավատաց, որ ես փոքր չեմ։

Հետո մի օր, երբ նա պատերազմ էր մեկնում, խճճեց մազերս՝ աչքերիս չնայելով։ Եվ ամբողջ կյանքում իմ մեջ փակ աչքերով ապրում էր իմ ու Օհաննայի Զաքարը…

Տատս ճրագը հազիվ պոկեց փայտացած մատներիս միջից ու ասավ․ «Վույ, քոռանամ, այ տղա, էս ինչի՞ է արյունը աչքերդ լցվել»։ Շտապ տարավ քնելու։ Ամբողջ գիշեր մղձավանջային երազներ էի տեսնում։

Առավոտյան, երբ ինձ հետ կարմիր խնձոր ուղարկեցին Օհաննայենց տուն, ետ տուն չեկա։ Ինձանից մեծ, հարեւանի տղայի հետ մեր կտուրի խոտի դեզի տակ պառկել էինք ու հայհոյանքներով խոսում էինք աղջիկների ու նրանց մերկության մասին՝ իքսաձեւ գցած ազդրներիս արանքում սեղմած խլրտացող ամոթանքներս։ Տիրան հորեղբայրս բարձրացել էր կտուր՝ անասունների համար խոտ իջեցնելու ու մեզ լսել էր։ Այնպես ձգեց ականջներս, որ ամբողջ մի շաբաթ ինձ թվում էր, թե ականջներիս տեղը կաղամբի թփեր են։

Մաճկալ Զաքարն արդեն աքլորի կանչի հետ դժվար էր վեր կենում։ Դեռ լուսաստղը չծագած, պապս, որ ոտքի վրա էր, ջղայնացած՝ երկրորդ, երրորդ անգամ էր ներս ու դուրս անում, բարձր հազում էր, իբրեւ կոկորդն էր մաքրում։

Որպեսզի Զաքարը անքուն չմնա, ուժը չհատի, ձեռքից մաճը չփախնի, ակոսը չծռվի, մի գիշեր տատս ասավ․ «Զաքար ջան, գիշերը ցուրտ է, տղան մեղք է, թող Օհաննայի հետ քնի»։ Զաքարը կարմրեց, սեղանակիցների երեսներին չնայեց, փոխինձը խեղդվելով կերավ։

… Ես անմիջապես շուռ էի գալիս դեպի պատը, որպեսզի Օհաննայի գայթակղիչ, տաք շունչը չկպնի դեմքիս։ Իսկ թիկունքիս՝ մեջքիս վրա թրթռում էին Օհաննայի արձակ ստինքները, ու ես ամբողջ գիշեր մատներով քանդում էի պատի ծեփերը։ Օհաննան առավոտյան կիր ու ավազի հատիկներից մեր սավանն էր թափ տալիս՝ կանացի խորհրդավոր ժպիտով ու քրոջ նման։ Տատս չհավատաց Օհաննայի չբեր լինելուն։ Ասավ․ «Մեշոք շալակող աղջիկ է»։ Չնայած Զաքարի պատերազմ գնալուն՝ բուժում էր նրան։ Թոնրի մեջ շիկացնում էր տաշտականման աղյուսը ու երբ բոցը անթեղանում էր, աղյուսի մեջ ցորենի սպիրտ ու չորացած գորտ էր գցում։ Օհաննային օրական երկու անգամ նստեցնում էր գոլորշու վրա։

Բայց Զաքարը չվերադարձավ պատերազմից։ Տատս, սեւ թուղթ չեկած, գուշակում էր, որ Զաքարի հետ մի վատ բան էր պատահել, քանի որ դեռ պատերազմի սկզբներին, սպիտակ կովը ծնել էր երկգլխանի մի սեւ հորթ։ Այդպիսի մի դեպք էլ պատահել էր Տարիելին տանելու տարին։

Մի օր Օհաննան պապիս հետ գնացել էր կալ՝ ցորեն կալսելու, երեկոյան ետ գալուց ոտքը կախ է գցել, ուշ է տուն եկել։ Մի ուրիշ անգամ պապս գիշերը նկատել է, որ անկողնում չէ։ Երբ տատիս հետ խորհրդակցել է, տատս ասել է․ «Օնան, լեզուդ քեզ քաշի, ահավոր մենակություն կա շալակին, մեղք է»։ Այդ գիշեր գյուղով մեկ լսվում էր բվի կանչը։

Պապս ու նա միասին կալ են գնացել ու եկել, պապս նրա հետ չի խոսել։ Մի արեւոտ օր, Օհաննան բակում ծալապատիկ նստած, սանդերքի վրա բուրդ է գզել։ Փոստատար Աբգարը թաքուն, ցանկապատի վրայով նայել֊նայել է Օհաննայի կիսաբաց ստինքներին, լսել ավելուկի թփերի մեջ երգող երաշտահավին ու արբել է։ Այլեւս ետ չի դարձել, որ սպասի մերոնց հանդից գալուն, օրորվելով մոտեցել է Օհաննային, միակ աչքը՝ վերեւ փախած շրջազգեստի տակ՝ ազդրերին, կանգնել մնացել է, հետո հիշել է ու նրան է մեկնել Զաքարի «սեւ թուղթը»։ Օհաննան չի լացել, մազերը չի պոկել, երեսը չի ճանկռոտել, «սեւ թուղթը» ձեռքին մտել է մարագ ու դուրս չի եկել։ Լռությունը երկարել է։ Աբգարը գնացել է մարագ։ Պարանից ճոճվող ուշակորույս Օհաննային իջեցրել է ու խելագար համբուրել նրա ստինքները, գեղեցիկ դեմքը։

Ու մի գիշեր Օհաննան գնաց քոռ Աբգարի տուն ու էլ ետ չեկավ։ Գեղեցիկ տղա ունեցավ։ Չգիտես՝ ինչու, երբ տատս տեսնում էր տղային, ասում էր․ «Զաքարին է նման»։ Չնայած, Զաքարին ոչ մի նմանություն չուներ։ Գյուղում Աբգարն էր ազատված զինծառայությունից ու էլի մի քանի հարթաթաթեր։ Վերջիններս ծաղրում էին նրան։ Պատերազմից մի ձեռքով, մի ոտքով վերադարձած զինվորները ծիծաղելով հարցնում էին․ «Տունն ես մնացել, էլի, գյուղում դու ես ու կանայք»։ Աբգարը «տունը մնալու» երկիմաստ հարցը կարծես չէր հասկանում, ժպտում էր բարեհամբույր ժպիտով։ Նույնիսկ կանանցից համարձակները նրան հարցրել էին․ «Խոմ կռտա՞ծ չես»։ Աբգարը ժպտացել էր։ Հետո խոսող տղամարդիկ ընդհատում էին խոսքը ու հանկարծ ձեռքները տանում էին գլխներին՝ իբր պիտի քորեն։ Աբգարը ձեռքին ունեցած փոստատարի պայուսակը գցում էր գետին եւ զույգ ձեռքերով պահում գլուխը, հետո նրանց հռհռոցի տակ ժպտալով հեռանում էր։ Ժպտում էր բարեհամբույր, ամբողջ գյուղին՝ անցնող֊դարձողին, մեծից֊փոքրին։

Երբ Օհաննան մեր տնից գնաց նրա մոտ, Աբգարը երրորդ օրը հրացանը գցեց ուսն ու անհետացավ։ Ինչ֊որ տեսնողներ էին եղել Սիրգի ձորում։ Նա վերադարձավ երեք շաբաթ անց՝ մի մեծ, վագրի չափ վայրի կատու շալակին։ Դարբին Օհանին երկար ու հաստ մեխեր կռել տվեց, կատվի առջեւի թաթերից ու բերանից խաչեց իր տան ճակատին՝ դռան վերեւը։ Կատակասերները ասին․ «Չէ, հա, կատուն հոտած կլինի, Աբգարը նրա լեշը երեւի ձորում է գտել»։ Ասողները խոսքները բերաններին շշմեցին, մնացին։ Աբգարի դեմքից մի բան էր պակասում՝ քաջալերող, բարեհամբույր ժպիտը։ Նրանք մի տեսակ իրար նայեցին ու, թե․ «Տիրումերը… գյուլլեն ճակատին է առել»։ Պատերազմից եկած խեղանդամներն ասին․ «Այ քեզ տղամարդ, ֆրոնտում լիներ, սնայպեր կտային»։ Ու այդ օրվանից Աբգարի ժպիտն իսպառ ջնջվեց։

Չարդախենց Հոռոմը ջրի գնացած Օհաննային կանգնեցրել էր ու ասել․ «Աղչի, ասում են՝ մարդդ գել է խփել»։ Ու այսպես կանգնել֊մնացել էր ջրհորի մոտ, գնացող֊եկողի ասել․ «Գիտե՞ք՝ Օհաննայի մարդը վագր է խփել»։

Ու գյուղխորհրդի նախագահ Սանդրոն, միլիցիոներ Մանուկը եւ գյուղի նախագահը մի շաբաթ անց պաշտոնապես ներկայացան Աբգարին ու խնդրելու նման ասին, որ պատին մեխած կատուն իջեցնի, քանի որ նեխահոտն արդեն բռնել էր ամբողջ գյուղը եւ վարակի նշաններ կային։

Այս այցելությունից հետո գյուղացիք սկսեցին իրենք բարեւել Աբգարին ու քաղցր ժպտալ։ Աբգարը հաջորդ օրը գնացել է նախագահ Սանդրոյի մոտ, նրանից մի նոր, պատվաբեր աշխատանք պահանջել։ Գյուղացիք նրան այլեւս քոռ Աբգար չէին ասում, այլ՝ նոր պաշտոնի անունով, նալոգ Աբգար։ Ու նա հավաքվածների ներկայությամբ ասել է․ «Աշխարհի տիրումերը…» ու շատ գոհ, ձեռքերը թիկունքին շարած, եկել է տուն։

Մի տաք, արեւոտ առավոտ մեր սպիտակ, վավաշոտ արու աղավնին թռավ մեր կտուրից ու պտտվեց գյուղի վրա՝ արեւելքից արեւմուտք, հյուսիսից հարավ եւ դարձադարձիկ իջավ։ Ես գնացի նրա հետեւից՝ տուն բերելու։ Օհաննան կտուրին էրիշտայի բացերն էր չորացնում, աղավնին իջել էր նրա ուսին։ Չշփոթվեց, ասավ․ «Էս ինչքան ես մեծացել։ Պապը ո՞նց է, որ ծխում է, էլի վերին թախտի՞ն է բարձրանում, Սերգոյից առած կովը էլի կաթը վա՞ր է տալիս, թե՞ կեսուրիս աղոթքները օգնեցին»։ Ասավ․ «Հարյուր բաց էրիշտա ենք արել, Աբգարը մի քանի տղամարդ է կանչելու, որ գիշերը կտրեն»։ Ասավ․ «Դու էլ արի»։

Ես, դեռ կես ժամ առաջ, երբ մեր սպիտակ աղավնին օդ բարձրացավ, ենթագիտակցորեն կանխազգում էի, որ իմ մեջ ինձանից մեծ մեկն էլ կա։ Ու հիմա, երբ Օհաննան հրավիրեց մյուս տղամարդկանց հետ էրիշտա կտրելու, հասկացա, որ ժամանակն է մանկությունս զիջելու՝ ինձանից ավելի ուժեղ ու առնական նմանակիս։

Օհաննայի աչքերից կարմիր արտասուքներ էին գլորվում, ինչպես տարիներ առաջ, երբ իմ ու տատիս ներկայությունը գոմում՝ նրանց լողանալու պահով «պիտի կոտրեր նրա ու Զաքարի ամոթը»։ Նրա այտերն ի վար գլորվող կարմիր արտասուքները կտցում էր մեր սպիտակ աղավնին։ Փափուկ ու տաք ուսից վերցրի աղավնին, գցեցի վերնաշապիկիս տակ՝ ծոցս եւ թռա գյուղի արձակ դաշտերը։ Աղավնին կեռ ճանկերով թպրտում էր վերնաշապիկիս տակ ու ճանկռում փորս՝ հաճելի ցավ պատճառելով ինձ։ Եվ ինչ֊որ անհասկանալի ցավ ու երջանկություն մեղմելու ակնկալիքով աղավնին մինչեւ երեկո թպրտաց վերնաշապիկիս տակ՝ փորիս վրա։

Ինչպես երազում է պատահում․ ուզում ես արթնանալ ու չի հաջողվում, խորը թմրության մեջ զգում էի, մի պաղ բան մրջյունի նման խուտուտ տալով վազում է փորիս վրայով, աճուկներիս, ազդրերիս։ Արթնացա։ Տատս օղու մեջ թաթախած բրդով փորիս վերքերն ու չորացած արյունն էր մաքրում։ Սարսափահար վեր թռա պառկած տեղիցս ու ձեռքերով ծածկեցի ամոթանքս։ Տատս ասաց․ «Վույ, քոռանամ, էս մատմ էրեխան մեղքի զգացում ունեցավ, էս գործին կին կա խառնված»։ Ինձ հանդերում հովիվներն էին գտել ուշագնաց վիճակում ու տուն բերել… Մինչեւ ճրագները վառելը անկողնում պառկած մնացի։

Կորցրած արյունս վերականգնելու համար կերակրում էին դոշաբով ու շարբաթով։ Երբ տատս սուրբ Արարատի առաջ մեղրամոմ էր վառում եւ աղոթք շշնջում, որ ես փրկվեմ «չար կնոջ» ճանկերից, թաքուն վեր կացա անկողնուց, հացի սնդուկից վերցրի էրիշտա կտրելու ամենասուր դանակն ու գնացի։ Նրանց տանը հավաքված մարդիկ չզարմացան՝ ես արդեն մեծ էի։ Բոլորն ուրախ էին եւ անեկդոտներ էին պատմում, իսկ գործից հետո կերուխում էր լինելու։

Երկար ու պաղ շվաքներից մեկում տաք շնչառությունից հանգավ ինձ տուն ճանապարհող Օհաննայի ճրագը։ Հետո ամբողջ գիշեր անկողնուս մեջ թափառում էր Օհաննայի շշնջոցը․ «Ինչ ծանոթ տղամարդու հոտ է գալիս վրայիցդ, դու իմ խելառ»։


  • * *

Տատս չար ոգիներից վախենալու հակում ուներ։ Դրա համար էլ ամեն ուրբաթ օր գլխի լաչակն ուղարկում էր տերտերի մոտ աղոթելու։ Նա մեր ու շրջակա գյուղերի համար գորգեր, ջեջիմներ ու կարպետներ էր գործում, որոնց վրա խոցված վերքերով նռներ էր գործում կամ երազների դրախտային մի երկիր։ Հետո հայրս մի օր մեզ պատմեց, թե այդ երկրի համար էր Շուշան նախատատի ձիու պոչն արյունոտ ու այդ երկրի համար էլ նա գնաց ընդմիշտ։

Տատս սատանա Վաղոյի աղջիկն էր։ Պապս նրան «ծախունենց աղջիկ» էր ասում, քանի որ նրանց ցեղը հոգին ծախել էր սատանային։ Մի անգամ Վաղոն գյուղի նախիրն արածացնելիս, երեկոյան, «Քոռ կամուրջի» մոտ եղեգների մեջ մերկ ջրահարս է տեսել։ Ջրահարսը երգել է, հմայել նրան, կանչել է իր մոտ։ Նախիրը թողել է ու մի շնչով հասել է գյուղ։ Երկրորդ դեպքը պատահել է Չարդախենց ջրաղացից քիչ վերեւ՝ «Սիրգի ձորում»։ Անձրեւոտ օր է եղել, կայծակը խփել է նախիրի կովերից մեկին։ Գնացել է ջրաղաց, Օնեսին կանչելու, որպեսզի սատկած կովը գյուղ հասցնեն։ Եկել են, տեսել կովը չկա, արյան հետքերով մտել են անձավ։ Օնեսը նավթոտ աթարը վառած մտել է ներս․ անձավում գոռացել է եւ ուշակորույս ընկել։ Վաղոն մի շնչով գյուղ է հասել ու հարայ գցել․ «Անձավում սպիտակ շորերով սատանան պղնձյա թավայով հարվածել է Օնեսի գլխին»։ Երբ գյուղացիք Օնեսին հանեցին անձավից, նա էլ հաստատեց Վաղոյի ասածը։ Իսկ երբ Վաղոյին հարցրին, թե սատանան ինչպիսին էր, պատասխանեց, թե․ «Պոչավոր էր»։ Հավատացին, քանի որ գյուղի մեծերից սատանա տեսնողներն էին այդ կարծիքին։ Տեր Ներսոյին կանչեցին, նա յոթ անգամ քարանձավի մուտքի վրա «չարաշխանքե հալածեն» արտասանեց։ Հետո գլուխը տարուբերեց, ասաց․ «Գործն ավելի բարդ է, քան քթների տակ ծիծաղողները կարծում են եւ իզուր են մտածում, որ Վաղոն կովը ծախած կլիներ»։ Ասաց․ «Շղթա է պետք»։ Ով անտառից փայտ քաշելու շղթա ուներ, բերեց, ով քարհանքերից քար հանելու համար լինգեր ուներ, բերեց, չունեցողները՝ թաթագիշ, ժանգոտ ու անպետք եղաններ բերեցին։ Բերեցին, լցրին քարանձավի մուտքը, որ չար ոգիները ներսում բանտարկվեն։ Տեր Ներսոն «չարաշխանքե հալածեն» կրկնապատկեց, քառապատկեց, հասցրեց մինչեւ յոթ հարյուրի ու աղոթքը ձգվեց մինչեւ գիշերվա կեսը։ Գյուղից մի քանի խիզախներ էլ մնացին ձորում նրա հետ, քանի որ տեր Ներսոն վախենում էր վայրի կատուներից։

Այդ տարիներին էր, որ մեր Մարգարը մի տարի զուր թափառեց գյուղի շուրջը, չար ոգուն հանդիպելու, նույնիսկ քարանձավ էր մտել։

Սատանայի հետ հանդիպումը կրկնվեց Հաբելի՝ Վաղոյի կրտսեր տղայի հետ։ Հաբելը գիշերը թաքուն մտել է եկեղեցի, որ զարդեր գողանա ոսկու իմաստով։ Մինչեւ տուն է հասել, տեսել է՝ մի ոտքը մյուսից մի թզաչափով կարճացել է։ Առավոտյան տեր Ներսոյի տունը հարայ են գցել, թե․ «Սատանա Վաղոյի տղա Ափելը գիշերը հոգին ծախել է սատանային»։ Տերտերը միտք է արել ու թե․ «Գնացեք Սիրգի ձորը ու տեսեք՝ քարանձավի մուտքը շղթաներից մաքրել են կամ էլ ինչ֊որ ինսան է անցել էրկաթեղենի վրայով ու աղոթքը զորությունը կորցրել է»։ Գնացող֊եկողները հաստատել են տեր Ներսոյի ասածները։

Նա էլ գյուղացոնց զգուշություն է պատվիրել, ասել է․ «Անօրենը ամենից առաջ տղոցկան կնթոց կարող է դբնել»։ Ու գյուղում ինչքան հղի կանայք կային, դռան շեմի տակ աղոթած մկրատ, դանակ, կացին թաղեցին, նույնիսկ ոչ հղիները զգուշության համար այդ միջոցները ձեռնարկեցին։ Տներում այլեւս կտրող գործիք չէր մնացել, տղամարդիկ տրտնջում էին, դարբին Օհանը չէր հասցնում նոր մկրատ ու դանակներ կռել։ Տերտերը գյուղի մի քանի խիզախների հետ կրկին լուսացրեց քարանձավի մուտքի մոտ։ Դարբնի օր ու գիշեր կտրող գործիքներ կռելը վախեցրեց գյուղխորհրդի նախագահ Սանդրոյին։ Միլիցիոներ Մանուկը դարբնոցում սեղան էր դրել, նստած՝ գնացող֊եկողների տրեխների չափերն էր վերցնում կավե սալիկների վրա ու չէր հասցնում գրանցումները վերջնական տեսքի բերել։ Զայրանում էր, գոռում էր, կասկածում էր… Լուրը քաղաք հասավ։ Պետության կողմից ուղարկված մարդիկ եկան, դարբնին արգելեցին սառը զենք կռել․ տերտեր Ներսոյին՝ կրկնվելու դեպքում սպառնացին Սիբիրի անունով։

Լիկկայան բացեցին․ դասախոսություններ կարդացին, հեղինակավոր մարդկանց ճառերը թե գրամաֆոնով հնչեցրին եւ թե արտասանեցին՝ գյուղը խաղաղվեց… Երեկոյան մեր տանը, ճաշի սեղանի շուրջ նստածներին, գիմնազիայի տված գիտելիքների ողջ իմաստնությունը աչքերի մեջ՝ Նիզարը հայտարարեց․ «Վաղոյին հարկավոր է ասել, որ վերջ տա խարդախություններին։ Սատանա, սուրբ, ջրահարս, ոսկի՝ փչոցներ են։ Նրանց տոհմի հետ այդ դեպքերը կատարվում են, երբ լուսինը մեկ օրական է դառնում, դա այն ժամանակն է, երբ լուսինը ձեւով յաթաղանի է նմանվում, մի լավ հիշեք, էն փոքր տղայի վիզը ծռվեց էլի լուսնի այդ օրերին, իսկ մեր խնամի Վաղոն հեքիաթներ հնարեց, իբրեւ տղան սուրբ խաչի վրա միզել էր, դրանից էր։ Սուտ էր նաեւ միջնեկ տղայի պատմությունը, հիշո՞ւմ եք, անցյալ տարի ամուսնացրեց։ Հարսանիքից հետո եկան Հայկուշ տատին տարան, թե տղայի ամոթը կոտրել է պետք։ Այդպես էլ ոչինչ չստացվեց, հարսը թողեց, գնաց հերանց տուն։ Տղան զրկված է, այո, տղան դարից է վախեցել ու կորցրել է ընդունակությունը։ Նրանց տոհմի արյան ու սերմի մեջ շրջապտույտ է տալիս լուսինը՝ յաթաղանի տեսքով։ Նրանց դեռ չծնված պտուղն իր մեջ ունի Էրգրի պատմությունը եւ գիտե, որ երկնքում կա մեկ օրական լուսին ու նրա փայլը շեղբի տեսք ունի։ Փրկությունը լուսինը ջարդելու մեջ է։ Վաղոն պետք է լուսինն իջեցնի ու փշրի։ Նրանցը լուսնային հիվանդություն է, որ ոչ մի ազգ նման հիվանդությամբ չի վարակվում, բուժման համար դարեր են պետք։ Վաղոյին ասեք, վերջ տա մեզ հիմարի տեղ դնելուն, թե չէ իր սրբերով, սատանաներով ու ջրահարսերով գյուղին մի նոր փորձանք կբերի»։

Լսողները ասվածի ամբողջ իմաստը չհասկացան, բայց մի բան պարզ էր, որ կա լուսնային հիվանդություն ու, որ երկրի դեպքերը չեն ավարտվել։ Պապս երկար լռությունից հետո ասաց․ «Աֆֆարիմ, աղջիկ, այ քեզ խելք»։ Այլեւս ոչ մի բառ չփոխանակեց ու դռան քարին նստած՝ ամբողջ գիշեր ծխում էր ու քթի տակ մի տխուր երգ էր մրմնջում, աղերսագին մի երգ՝ հրաշամանուկ լաոյին ձոնված։ Նիզարի գիտական մեկնաբանությունը հասավ գյուղացիներին։ Գյուղը շշմեց ու իսպառ խաղաղվեց… Նրանք հասկացան, որ Վաղոն դեպի գյուղ էր փախչում՝ լուսնից վախեցած…


  • * *

Օրեստիի աղջիկ Նազին նոր ծնված տղայի անունը Հունան էր դրել։ Երբ պապս լսեց, մի պահ շվարեց։ Դառը մախորկան մուշտուկին, մուշտուկը դեղնած մորուքի մեջ՝ մտածեց ու մտածեց։ Առավոտյան ասաց․ «Էն աղջիկն ի՞նչ է ուզում մեզանից, մարդու հոգի է մղկտացնում, ախր ո՞նց չի հասկանում, որ Սերոն չէր կարող ապրել աշխարհից կախում ունենալով»։ Տատս, թե․ «Օնան, աղմուկ չշինես։ Նա չի հաշտվում այդպիսի մահվան հետ, բողոքում է, էհ, Աստված, Աստված…»։ Գյուղացիք նրան էլ Օնան կանչեցին։ Իսկ մենք չէինք ընդունում, երբ մեր կողմերն էր գալիս, ես ու Սերոբը ծեծում էինք։ «Շուռ տված» էինք ասում։ Նա անզորությունը արցունքների մեջ էր խեղդում․ «Դուք էլ սապոժնիկ Պրաշայի թոռներն եք»։ Տուն էր գնում արյունոտ ու ճանկռոտված։ Չուներ այնպիսի մեկը, որ եղանով ու մտրակով կամ բահով մեզ վախեցներ, ետեւներիցս ընկներ՝ բռներ ծեծեր, կամ Նազին բարձրանար կտուր, անիծեր, մեր տունը կռիվ գար։ Կարծես դիտավորյալ էր լռում։

Մեր Գիգոլին, իրոք որ «սապոժնիկ Պրաշչա» էին ասում։ Նա բանակ էր գնացել, եկել ու գյուղում կոշկակարություն էր անում՝ ձվով, աթարով, մի շալակ խոտով, մի չարեք նավթով․ ով ինչ ուներ։ Կանանց կրկնակոշիկներն էր սոսնձում, տրեխ կարում։ Դեպքից դեպք Սանդրոյի եւ միլիցիոներ Մանուկի խրոմ սապոգներն էր վերանորոգում Ախալքալաք գնալուց առաջ ու վարձը չէր վերցնում։ Նա մի ուրիշ արհեստ էլ ուներ՝ ցլիկներ ու խոզեր էր կռտում։ Դույլը տալիս էր ձեռքս, ասում․ «Էսօր լավ պլոճիկ ես ուտելու, որ մեծանաս պլոճիկով մանչ դառնաս»։ Գիգոլը բանակում երկու ամիս անասնաբույժի մոտ բուժակություն էր արել, ձիեր էին կռտել, ապա անասնաբույժը նկատելով նրա անընդունակությունը, հեռացրել էր բուժմասից։ Նա էլ կոշկակարություն էր սովորել։ Սակայն գյուղում բուժակի արհեստը հաջող ու լավ էր բանեցնում։ Ճիշտ է, պատահում էր, որ նա ասեր․ «Բարդուղ, բեր էդ սեւուկին պահիր, լավ եզ դուրս կգա»,— վատն էր դուրս գալիս, կամ կռտելուց հետո սատկում էր։ Բայց հաջողությունն ավելի շատ էր։ Երեկոյան, երբ տուն էինք գալիս լիքը դույլերով, նա թեժ կրակի վրա պլոճիկներ էր տապակում։

Մի անգամ նա Չարդախենց ցլիկներն էր կռտել ու երկուսն էլ սատկել էին։ Օնիկն ասել էր․ «Ոչինչ, Գիգոլ ջան, թող ջանդ սաղ էղնի, մենք էլ բոլ֊բոլ միս կուտենք»։ Սակայն Օնիկի կինը աղբյուրը ջրի գնացած կանանց ասել էր․ «Օնանենց Գիգոլն ո՞վ է, որ ցլիկ կռտի, մի կռտած ցուլ էլ ինքն է, Նիզարի նման կնկան առել է ու երեխա էլ չունի»։

Հետո մի օր այս խոսակցությունը, իբրեւ պատահական, իբրեւ բերանից դուրս թռած խոսք, հասցրել էին Գիգոլին, եւ նա անհետացել է գյուղից, հասել Նովոռոսիյսկ, մայորի աղջկա՝ իր ընկերուհու մոտ, որ գյուղացիներին ապացուցի, թե ինքը լիարժեք տղամարդ է, իսկ Նիզարը նրա եւ ռուս աղջկա երեխայի նկարն է փակցրել տան պատին, որ Գիգոլի մասին թերահավատ կարծիքը հերքի։

Իսկ մայորի աղջկա հետ այսպես էր ծանոթացել։ Մի օր Գիգոլը գյուղացիների հետ ցորեն է տարել Նովոռոսիյսկ՝ ծախելու ու ծանոթացել է մի ռուս աղջկա հետ։ Գյուղ վերադառնալու ժամանակ աղջիկը եկել է կայարան՝ ճանապարհելու։ Նա աղջկան համբուրել է արմանք֊զարմանք կտրած գյուղացիների աչքերի առաջ ու գնացքի փակվող դռան արանքից գոռացել է․ «Պրաշչա», իսկ վագոնի ուղեկցորդուհի խարտյաշ ռուսն ուղղել է․ «Պրոշչայ»։ Գիգոլը նրան ասել է․ «Քեզ ինչ, ես ուրիշ բան էի ասում»։ Ու ամբողջ մի տարի գյուղում խոսում էին նրա ու ռուս աղջկա մասին։

Գյուղացիք չգիտեին, թե Հունանին ումոնցից կոչեն։ Մի մասը նրան «Օնանի թոռ» էր կոչում, մյուս մասն էլ՝ «Օրեստիի թոռ»։ Ու նա մոլորվել էր մեր երկուսի միջեւ՝ ոչ նրանք էին վերջնական իրենցը հաշվում, ոչ՝ մենք։ Հունանը սկսեց խուսափել մարդկանցից ու մեզանից։ Ինձ ու Սերոբին տեսնելիս ճանապարհը փոխում էր, հոգնել էր անվերջանալի կռիվներից։ Շներ էր հավաքում։ Գյուղում ինչքան անտեր շուն կար, ճանաչում էին նրան, անվախ մոտենում, թավալվում էին ոտքերի առաջ, ճապաղում, մի քանի կաթիլով թրջում գետինը՝ վախի ու հավատարմության բնազդով։ Շների հետ մտերմանալու նրա ընդունակությունը զարմացնում էր բոլորին։ Առաջին անգամ պատահած շանը շոյելուց հետո երկուստեք մտերմություն էր հաստատվում։ Գյուղի բոլոր շներին իրար դեմ կռվի էր հանում։ Ով անպետք կամ ծերացած շուն ուներ, բերում էր նրա շների մոտ, որ խեղդել տան։ Կամ ով արդեն հոգնել էր իրենց էգ շան ամոթալի տեսարաններին ականատես լինելուց դռանն ու կտուրին, բերում էին նրա մոտ, որ շների բերանը գցի։ Իսկ նա ոչ ոքի չէր մերժում։

Գարնան սկզբներին, Վրաստանի խորքերից գալիս, մեր գյուղի միջով էին անցնում թուշերը, որ յայլաները բարձրանան։ Ոչխարի հոտերը առաջները, հոտի չորս կողմը երկաթե ատամնավոր «խշտերը» վզներին հսկա գամփռներով։ Հունանը կտրում էր նրանց ճանապարհը, պահանջում, որ իրենց ամենալավ շներին կռվի հանեն։ Շների մի սարսափելի գզվռտոց էր սկսվում։ Հունանի անտեր շները միշտ էլ պարտվում էին հովիվների կերած֊խմած գամփռներին։ Մի անգամ էր միայն հաղթանակ տարել նրա շներից մեկը, այն էլ տարիներ առաջ, ու ավագ հովիվը նրան մի ոչխար ու մի զույգ խրոմ սապոգ էր նվիրել։ Գյուղացիները սկսեցին նրան «Խելառ Օնան» կոչել։ Թե Նազին ոնց էր վերաբերվում իր տղայի տարօրինակություններին, չգիտենք։

Վրաստանի խորքերից, մի օր թուրքերն էշերի վրա քթոցներով բարձած թութ, կեռաս ու բալ են բերել մեր գյուղը՝ ծախելու ու ցորենի հետ փոխանակելու։ Երբ առեւտուրը վերջացրել են, հավաքվել են գարեջրավաճառ Արսենի՝ գյուղի մեյդանում դրված տակառի շուրջը, կուշտ ու կուռ խմել են։ Հետո գարեջրով գավաթի մեջ կիսով չափ դրամ են լցրել, թե․ «Ով որ գարեջուրը խմի ու գավաթը քթի վրա ջարդի, դրամը նրանն է։ Ձեր մեջ թե ղոչաղ կա, թող դուրս գա»։ Գյուղացիք մտածել են, մտածել ու, թե «Խելառ Օնանին կանչեք»։ Հունանը գարեջուրը խմել է ու նույն ակնթարթին էլ գավաթը քթի վրա երկու կես է արել։ Երբ տեսել են նրա տափակած քիթն ու ծոցը լցվող արյունը, սահմռկել են։ Դրանից հետո Օրեստիի աղջիկը՝ Նազին, մի ամբողջ շաբաթ թթու դրած կաղամբի թփեր ու սառույց դնելով նրա ճակատին, հազիվ դադարեցրեց չկտրվող արյունն ու աղեկտուր լացը։

Նա էլի էր գավաթներ ջարդում քթի վրա թութ ծախողների եւ պարտվել չցանկացող գյուղացիների համար ու արցունքն աչքերին, ջարդված քթով գնում էր տուն։ Նման մի դեպքից հետո Պրաշա Գիգոլը նրան մեր տուն բերեց, պապս նստեցրեց ծնկին ու խճճեց մազերը, իր կողքին մեզ հետ ճաշի նստեցրեց, հետո տուն ուղարկելիս տատիս ասաց․ «Աղչի, մանչու հետ էն խաս ալյուրից դիր»։ Տատս ամբարից մի մեծ դույլ ալյուր լցրեց ու դույլը տվեց ինձ, որ մինչեւ նրանց բակը հասցնեմ։ Ճանապարհին երկուսս էլ լուռ էինք, երբ դույլը տվեցի նրան, ասացի․ «Առավոտյան արի մեր շռշռանը, Գիգոլը ձուկ է բռնելու, կօգնենք»։ Ասաց՝ հա։ Խելառ Օնանը մերն էր։

Դրանից հետո նա հաճախ էր գնում պապիս մոտ ու գիշերը քնում ջրաղացում։

Աշնան մի գիշեր պապս նրան ջրաղացից դուրս է բերել, լսել է տվել հեռու գորշ սարերում ոռնացող գայլերին եւ ասել է․ «Լսո՞ւմ ես, դա երգ է, հիմա դրան աջ կողմի սարից կարձագանքի մեկը, ձախից՝ երկրորդը, հետո՝ մյուսները։ Ուշադրություն դարձրու, ամբողջ բնության մեջ ոչ մի շշուկ չի լսվում։ Նույնիսկ ջրի մեջ գորտերը չեն կռկռում, բոլորը սպասում են… Հիմա, հիմա գիշերվա մեջ կհնչի գայլերի սիմֆոնիան…»։

Իսկ լուսինը աշնան այդ գիշերը մի օրական է եղել, կանգնել է գորշ սարերի գագաթին, որտեղ երգող գայլերն են բնակվել ու նայել են մեր գյուղին… Զրնգացող լռությանը խելառ Օնանն էլ չի դիմացել ու գոռացել է․ «Լուսինն այրում է ուղեղս… այրում է լուսինը… Վաղոն հիմա ամբողջ տոհմով կուչ է եկել, առավոտյան նրանցից մեկը էլի կխեղաթյուրվի, հարկավոր է լուսինն իջեցնել ու գցել գայլերի առաջ, թող ջարդեն, փշրեն, պատառ֊պատառ անեն…»։

Պապս ասել է․ «Այսպիսի մի գիշեր էլ Տարիելին եմ սովորեցրել գայլերին ականջ դնել եւ դիմանալ լուսնի այրոցքին… Արիացիր, քեզ դեռ հարկավոր է խորաթափանցություն՝ լեռների շարժումը տեսնելու համար։ Մեր լեռները քայլել գիտեն…»։

Սատանա Վաղոյի աղջիկը՝ տատս, եկեղեցի չէր հաճախում, մենք տանը սուրբ ունեինք։ Նրա պաշտածն ուրիշ էր, միայն իրեն հասկանալի։

Սրբի իմաստն ու տեսքն էլ ուրիշ էր, ավելի հողեղեն, ավելի առօրյա։ Պապս արկղ էր շինել ու փակցրել օդայի ճակատին։ Տակը՝ տատիս դրախտային երկիրը պատկերող հյուսածո գորգն էր փակցված, վրան՝ Շուշան նախամոր ատլասյա գլխաշորն էր գցված։ Մորիցս լսել էի, որ նրա տակ մեր Արարատի պատկերն է՝ բարձր, արեւոտ ու լուսեղեն։ Տատս ամեն շաբաթ նրա պատվանդանին զույգ մեղրամոմ էր վառում մեր տոհմի անունից։ Մի շաբաթ օր Արարատի պատվանդանի առաջ մոմ է վառել ու մոռացել է հանգցնել, եկել, տեսել է՝ արկղը պատերի հետ բռնկվել է, ու երկրորդ անգամ մոռացումի խունկն է ծխացել մեր տան ու Արարատի վրա։ Տունը հազիվ են փրկել հրդեհից։ Եվ մտածել են, որ օրը շաբաթ էր, լուսինը մեկ օրական։


  • * *

Պապիս ձախ ոտքից փտախտ էր սկսվել ու կամաց֊կամաց բարձրանում էր վերեւ։ Գեւորգ հորեղբորս՝ Տաշքենդից ուղարկած օձի թույնը, որ քսում էինք ոտքին, էլ չէր օգնում։ Նա օրերով նստում էր դռան քարին, լուռ ծխում։ Նրան մնացել էին անցյալի հուշեր ու փտախտով բռնված ոտքի մղկտացնող ցավերը։

Գիշերները մեր դռանը հավաքվում էին նրա տարեց ընկերները, ու Օրեստին սկսում էր հարյուրմեկերորդ անգամ պատմել, թե ինչպես են պապիս հետ սատանա բռնել։ Ու սատանան խոսք է տվել, որ, եթե իրեն արձակեն, նրանց յոթը պորտին չի խանգարի խաղաղ ապրելուն ու յոթը պորտի անասուններն էլ բեղուն կլինեն, իսկ պապիս ջրաղացը լիքը կլինի աղունով։

Պապս ու Օրեստին աշնանը սայլերով ցորեն են տանում վերեւի գյուղերը ծախելու։ Վերադարձին գիշեր է լինում։ Օրվա առեւտրից գոհ, նրանք սայլերի մեջ օրորվելով զրուցել են, ծխել ու ձենները գլուխները գցած երգել։ Անտառում լուսնյակի լույսն աղոտանում է, մեկ էլ Օրեստին տեսնում է, թե ինչպես սպիտակ շորերով մի բան ցատկեց Բախտիարի մեջքին։ Լեզուն կապ է ընկնում։ Պապիս մատով ցույց է տալիս, թե՝ նայիր։ Քարանում են։ Հայ֊հույ են անում, օգուտ չունի։ Սատանան Բախտիարի մեկ մի կողմից է թռնում, նստում մեջքին, մեկ՝ մյուս։ Պապս ճիպոտահարում է սատանային, օգուտ չունի, եզներն են վարգել։ Հասկացել էին, որ դավ է։ Հուսահատված պապս որոշում է բռնել չար ոգուն, ու ցատկում է եզան մեջքին։ Այս անգամ էլ Օրեստին ուզում էր ասել․ «Այդ դեպքից հետո էր, որ ինքը վախից հիվանդացավ ու անկողնում երեք ամիս պառկեց, բայց սատանան խոսք էր տվել՝ չկպնել յոթը պորտին»։ Պապս ամեն անգամվա նման ծիծաղը քթի տակ՝ չասաց․ «Հա, ճիշտ է, սատանան խոսք է տվել»։ Ասաց․ «Որ թռա բռնեցի, տեսնեմ՝ եզան պոչն եմ բռնել»։ Ասաց․ «Անտառում մոծակ շատ կար, դե եզն էլ պոչով կողերին էր խփում»։ Քար լռություն տիրեց։ Նրանցից ամեն մեկը մի ամբողջ կյանք հավատացել էր այս պատմությանը ու բոլորը միանգամից հա, հա հռհռացին։

Հիշեցին, թե ինչպես Օրեստիի երեքամսյա հիվանդության պահին նրա կինը ստիպել է՝ ամեն օր միզել ու խմել, որ վախն անցնի, նորից հռհռացին, այս անգամ Օրեստիի վրա։ Օրեստին էլ նրանց հետ հռհռաց, պապս էլ վերջին անգամ նրանց հետ հռհռաց…

Այդ գիշեր մեր շունը մինչեւ լուսաբաց կտուրի փշերի մեջ աղիողորմ ոռնում էր, իսկ հեռվում, քարավաններով եկած, գորշ սարերից լսվում էր գայլերի սիմֆոնիան։

Առավոտյան պապիս կապտած դին պառկած էր դագաղում։ Գիշերը հորս ասել էր, որ մի կողմս կթաղեք Հայկուշին, մյուս կողմս՝ Բախտիարին։ Ասել էր․ «Հոգուս վրա մեղք կա, թող ձեր վրա չծանրանա։ Սանդրոյին հող եմ պարտք։ Գետի հունը փոխեք, թողեք մեր հանդի վերեւի գլխով հոսի, մինչեւ լույս ավելին կկիսի, կտանի։ Հողը շատ էի սիրում, այն ժամանակ չկարողացա հրաժարվել։ Շատ էր ծանր, ծանր էր Տարիելի հոգին։ Թաղմանս Սանդրոյին էլ կկանչեք, թող մահն իր աչքով տեսնի ու ամաչի»։

Տարիելին տանելուց հետո պապս ու Սանդրոն իրար հետ չէին խոսում, իրար հանդիպելիս ճանապարհները փոխում էին։ Բայց մի օր գյուղխորհրդի նախագահ Սանդրոն կոլտնտեսության անդամներին հող է բաժանել։ Պապիս հողաբաժինը չափելիս, մեղավորի ու ամոթի քրտինքը ճակատին, իբրեւ սխալվել է, մտքում հաշիվը կորցրել, երկուսուկես մետրանոց շարժինը տասն անգամ պտտեցնելու փոխարեն, պտտեցրել է տասնհինգ անգամ։ Պապիս հասանելիք քսանհինգ հար հողը հասցրել է երեսունյոթի։ Պապս, իբրեւ չի նկատել Սանդրոյի սխալը, չի ուղղել։ Ու Տարիելի հոգին ամբողջ ծանրությամբ նստել է նրա ուսերին։ Պապս վերջին գիշերը ասել էր․ «Ախր այդ ավելի հողամասը, հակառակի նման շատ էր ուժեղ ու լավ բերք էր տալիս»։ Այդ դեպքից երկու օր հետո Բախտիարը սատկեց, ու մերոնք չգիտեին՝ ինչ անեին։ Չնայած եկեղեցիները դարձրել էին կոլտնտեսության ցորենի ու գարու շտեմարաններ, բայց մորուքը սափրած տեր Ներսոն կար, աշխատում էր ներքին կարգով միջամտել իր «հոտի» անցուդարձին։ Նա ասում էր․ «Քրիստոնյային վայել չէ եզը թաղել գերեզմանոցում»։

Հայրս ու Տիրան հորեղբայրս Բախտիարին թաղեցին մեր հանդի մեջ։ Ցանքսի ժամանակ այդքան տեղը չէին ցանում, եւ առաջացավ Բախտիարի թումբը։ Ցանքսի, բերքահավաքի ժամանակ ճաշի էին նստում Բախտիարի թմբի վրա։


  • * *

Ջրաղացը կանգնել էր ու աշխատեցնող չկար։ Չխկանի վրա կախված նալիկները խեղդվում էին ժամանակի ժանգի տակ։ Դռան վրա մի դեղնած կողպեք էր կախված, որ ներսում բանտարկել էր բոլշեւիկ Տարիելի՝ աղունի ամբարին գրած պապիս անվան երեք տարբերակներն ու օճորքի ալրաթաթախ սպիտակ սարդոստայնները։

Արդեն վաղուց էր պարզվել, որ Տարիելը բոլշեւիկ էր։ Այդ հարցը հասկանալի դարձավ դեռ փոստով պապիս չորս ռուբլի քսան կոպեկ ստանալուց առաջ։ Լենինգրադից գրություն էր եկել, որ Տարիելը նվիրված հեղափոխական էր, որ ընկերների դասակարգային սխալները անհանդուրժողներից մեկն էր, որ մեր դասակարգային թշնամիներին՝ Տրոցկուն, Պլեխանովին լավ ուսումնասիրողներից մեկն էր ու սթափություն սիրող, ծայրահեղություններից զերծ մնալ քարոզողներից մեկն էր։ Նա մեր դրոշը եւ հեղափոխական խիղճը բարձր պահողներից մեկն էր…

Ախալքալաքից լուսանկարիչներ էին եկել, հին լուսանկարներ էին մեծացնում ու վերատպում պլաստիկ ափսեների մեջ, որպես հավերժ հիշատակ։ Շրջկենտրոնից հրաման կար, որպես շրջանի առաջին հեղափոխականների՝ Տարիելի ու Սանդրոյի լուսանկարները մեծացնել ու փակցնել նորաշեն ակումբի պատին՝ գյուղացիների քաղաքացիական ոգին բարձր պահելու համար։ Պապս ասել էր․ «Կլուբը պաժառ կտամ»։ Նոր առաջարկություն եղավ․ դպրոցը կոչել Տարիելի անունով։ Պապս ասել էր․ «Պաժառ կտամ»։ Առաջարկություն եղավ․ գյուղը կոչել առաջին հեղափոխական Տարիելի անունով։ Պապս ասել էր․ «Գյուղը պաժառ կտամ»։ Եվ գյուղի արմանք֊զարմանք կտրած հասարակության աչքի առաջ պատառոտել էր Տարիելի միակ լուսանկարը։ Սանդրոն ասել էր․ «Օնան, տեղով շառ եք, ինքներդ ձեր հերոսներին հարգել չգիտեք։ Ես Տարիելի նման մարդ ունենայի, Թիլվիզ քաղաքը նրա անունով կոչել կուտայի»։

Ու տարիներով, գյուղի ակումբում, ժողովրդի քաղաքացիական ոգին, պատին փակցրած ափսեի միջից, բարձր էր պահում Սանդրոյի նվիրվածությունն ապացուցող լուսանկարը։


  • * *

… Գիգոլի անհետանալը բոլորին հանկարծակիի է բերել։ Պապս էլ չնայելով իր «մեծությանն ու ծանրությանը», անձամբ գնացել է Գիգոլենց տուն, որ Նիզարին հարցաքննի։ Նիզարը ոչինչ չգիտեր։ Առավոտյան արթնացել է, տեսել է Գիգոլը կողքին չէ։ Պապս Տիրան հորեղբորս ու հորս ուղարկել է հարեւան գյուղերը, բոլոր ծանոթ֊բարեկամների տները։ Գնացին, տեսան, եկան, ասին․ «Ոչինչ էլ չկարողացանք պարզել»։

Պապս մռայլվել է, նստել է ջրաղացի դռանը ու մախորկան մախորկայի ետեւից է ծխել եւ թոքերը կտրատող հազով երկար ու ձիգ հազացել։ Նրա մթագնած տեսքից տանն իրար հետ շշուկով են խոսել, կարծես սուգ է հայտարարված եղել։ Հինգերորդ օրը պապիս լուր են բերել, թե Գիգոլին Նովոռոսիյսկում Ծախունենց Շուրան ու Գրիշը տեսել են։ Երբ նրանք մեր տուն են եկել, Շուրան երեսին խաչ է հանել ու․ «Օնան, էն խաչը վկա, տեսել ենք մե ռիժի աղջկամ թեւն ընկած, երեւի աղջկա հայրն էլ գեներալ լիներ, կողքից վայեննի շորերով քայլում էր, պագոններին էլ՝ մի մեծ աստղ»։ Ասացին․ «Գիգոլն էլ մեզ տեսավ, չմոտեցավ, երեւի որ ցորեն էինք ծախում, վախեցավ գեներալի առաջ ամոթով մնար»։ Այդ լուրից հետո ամբողջ գյուղը խոսել է, թե․ «Գիգոլը Նովոռոսիյսկի պես քաղաքում գեներալի աղջիկ է առել»։

Նիզարը գյուղի ասեկոսեները համբերությամբ լսել, լսել է, մի օր եկել է պապիս մոտ, թե․ «Գնացեք, նրան բերեք, էս տարիքներիս դա էր պակաս»։ Պապս մոզին ու մի երկու փութ ցորեն է ծախել, Տիրան հորեղբորս ու հորս ասել է․ «Առավոտյան ճանապարհ կընկնեք գեներալի չէ, Աստծո մոտ էլ լինի, կգտնեք, կբերեք»։

Առավոտյան Գիգոլն ինքը հայտնվեց, փայտյա մի մեծ ճամպրուկ ձեռքին։ Զարմացած երեխաներիս ու հարեւանների աչքի առաջ ճամպրուկից փայտյա մի արկղ հանեց, ասաց․ «Ռադիո է, կխոսի, կերգի»։ Պապիս զայրույթը դեռ չէր անցել, ձեռքը թափ տվեց ու դուրս եկավ, ասաց․ «Ափաշկարա մարդ է ուզում խաբել, վե՞վ է տեսել, որ յաշիկը խոսա»։ Գիգոլը ճամպրուկից մարտկոցները հանեց ու միացրեց։ Ռադիոն աղմկեց֊աղմկեց ու ինչ լեզվով ասես, որ չխոսեց։ Հավաքվածները քարացել, իրար էին կպել, իսկ Գիգոլը քթի տակ ժպտում էր։ Պապս դրսից ներս եկավ, աչքերը չռած նայեց, թե․ «Տերտերին կանչեք, սատանոց չլինենք»։ Մինչ այդ լուրն արդեն գյուղ էր հասել, թե․ «Գիգոլը մե յաշիկմ լիլիպուտ է բերել ու նրանք խոսում են տարբեր լեզուներով»։ Տանը ոտք շարժելու տեղ չկար։ Աղմուկ֊աղաղակ, հարայ֊հրոց էր։ Ուսուցիչ Տիրան հորեղբայրս հավաքված գյուղացիների ու պապիս առաջ ելույթ էր ունենում, որ ֆիզիկան հաստատում է ռադիոալիքների գոյությունը, որ խոսողը ալիք է, ոչ թե անմիջապես մարդն ինքը։ Պապս ասաց․ «Քո էդ փիզիկան վո՞վ է, որ ասում է ու մենք իրան չենք տեսնում, թե իրոք ինսան է, թող առաջ գա, տեսնինք»։ Չհավատաց ոչ մի բացատրության ու ֆիզիկայի․ տերտերին կանչել տվեց։ Տեր Ներսոն յոթ օր, յոթ գիշեր փակվեց մի մութ սենյակում՝ «չարաշխանքե հալածեն» ասելու եւ աղոթելու, վերջում ասաց․ «Օնան, ես անզոր եմ։ Տանից հեռացրեք՝ մալ, ինսանի չդիպչի»։ Չնայած պապս կանանց հետ հաշվի չէր նստում, բայց վարժապետ Նիզարի լուսնի ու յաթաղանի բացատրությունն այնպես էր ցնցել նրան, որ նա համոզված էր, թե մեր վարժապետ Նիզարը Աստծո հետ հաղորդակցման պահեր է ունենում եւ ֆիզիկայի ու ռադիոյի մասին հարցումով նրա մոտ մարդ ուղարկեց։ Լրատարը գնաց, տեսավ, եկավ, ասավ․ «Վարժապետի կարծիքով ռադիոն դնելը առաջադիմություն է»։ Պապիս շատ գայթակղեց գյուղի առաջադեմը լինելու գաղափարը, ասաց․ «Դրեք», ու ինքը դուրս եկավ։

Մի երեկո Տիրան հորեղբայրս ինչ֊որ ներկայացում է լսելիս եղել ռադիոյով, մերոնք էլ են կամաց֊կամաց մոտեցել։ Պապս ասել է․ «Շատ հետաքրքիր պատմություն է»։ Բայց երբ հերոսը հերոսուհուն «բոզ» է անվանել, ռադիոն պապիս բռունցքի մի հարվածից շաղ է եկել։ Տիրան հորեղբորս ասել է․ «Էդ էլ քո ու էն մազը երկար վարժապետի փիզիկան, բա դա չամչցա՞վ, էսքան հարսների մեջ էդպես խոսելուց։ Որ ասում էի տուն թողելու բան չէ՞»։

Գիգոլի բերած ռադիոյից միայն մարտկոցներ էին մնացել։ Մեր հարսները դրանցից սեւ կուպր էին պոկել ու մեր տղամարդկանցից թաքուն ծամում էին՝ օրհնելով Գիգոլին։

Գիգոլի վերադարձի գիշերը մերոնք անհանգստացած սպասել են նրանց տան կողմից՝ ուր որ է պայթող աղմուկ֊աղաղակ․ Նիզարի գրագետ ու անժխտելի մեղադրանքին։ Սակայն սպասել֊սպասել են ու անբացատրելի լռությունից զարմացած՝ քնել են։

Առավոտյան Նիզարը վառել է թոնիրը․ արդար յուղով բաղարջ ու գաթա է թխել։ Սագ ու բադ է մորթել։ Փոխինձն ու ձավարը խուրջինի մի կողմն է դրել, ոչխարի ղավուրման ու ձուն՝ մյուս կողմը։ Մինչեւ գյուղից դուրս Գիգոլին ճանապարհել է եւ բաժանման պահին ասել է․ «Դեհ, գնաս բարով, խաբար կանես»։ Պապս նայել է տխրությունը թաքցնող նրա աչքերի մեջ ու ասել է․ «Այ քեզ խելքից պակաս կնիկ, էս էլ քո գիտությունը»։

Մի քանի ամիս հետո, մեր գյուղացի ցորեն ծախողների հետ, Գիգոլը Նիզարին Նովոռոսիյսկից նամակ է ուղարկել։ Նամակի մեջ՝ նոր ծնված, բարուրած երեխայի լուսանկարը։ Նկարի հակառակ կողմը գրել է․ «Մեր մանչու անունը Արարատ եմ դրել»։ Նիզարը, Գիգոլով ու նկարով հիացած, ասել է․ «Մեր երեխայի անունը Արարատ ենք դրել»։

Գիգոլը բաժանվել է երկու մասի՝ ձմռան եւ գարնան, Նովոռոսիյսկի ու գյուղի։ Գարնան սկզբներին եկել է գյուղ ու մինչեւ խոր աշուն զբաղվել է տնտեսությամբ։ Երբ նստել է առաջին ձյունը, Նիզարը ճանապարհել է մինչեւ գյուղից դուրս, նրա ուսած խուրջինն է դզմզել, ասել է․ «Մեր տղային լավ կնայես»։


  • * *

Թբիլիսի գնացող փոստատարը ճանապարհը չի կորցրել, ճահճուտներում չի խեղդվել, պատահական իջեւանատներում ավազակները չեն սպանել, անտառներում չի մոլորվել, սովամահ չի եղել։ Գնացել, հասել է մեծ քաղաքը ու հասցրել է գյուղխորհրդի նախագահ Սանդրոյի՝ կոլտնտեսության խոտը գողացող հականերին մատնանշող նամակը ուր որ է հարկն է։

Այնտեղից ժամանած կաշվե խշխշան վերարկուներով երկու միլիցիոներները նստել են Սանդրոյի գրասենյակում, որ պարզեն պապիս ու Գիգոլի կոլտնտեսությունից գողացած խոտի պատմությունը։ Փոստից նրանց հղած հեռագիրը մինչեւ կհասներ Նովոռոսիյսկի միլիցիայի վարչություն, որ գյուղից բացակա Գիգոլին կանչեն ու բերեն, Զեքալից՝ մեր Մարգարի կնոջից, ժամանակավոր սենյակ են վարձել։ Քանի որ մեր կովը դարձյալ երկգլխանի հորթ էր ծնել, եւ այդ օրը լուսինը մեկ օրական է եղել, տատիս մեջ արթնացել է ժառանգական հիվանդությունը։ Ծնկներին է խփել ու ասել․ «Վույ, քոռանամ, Օնան, մեր տունը գլխներիս պիտի քանդվի»։ Ու պապիս հայհոյանքները հաշվի չառնելով, ամեն առավոտ Զեքալենց տուն՝ միլիցիոներներին թարմ կաթ ու կարագ է տարել։ Մեր վարժապետ Նիզարը նրան ասել է, որ վերեւից եկածների հետ հարկավոր է քաղաքավարի ու հոգնակի խոսել։

Տատս կարագն ու կաթը ձեռքին ներս է մտել ու․ «Բարեւ ձեզ, բատոնեբո[9], մենք ջաղչիբան Օնանի կնիկներն ենք»։ Միլիցիոներները նրա ետեւից էլի կանանց են սպասել, հետո գլխի են ընկել, որ տատս «քաղաքավարի» է խոսում, հռհռացել են։ Տատս նրանց ծիծաղը հաշվի չի առել ու ասել է․ «Ես մեր շրջանի միակ խաս ալյուր աղացող ջաղչիբան Օնանի կնիկն եմ, դուք էլ մեր ունեք, կարագ ու կաթ եմ բերել»։ Նրանք տատիս «չեմո դեդա»[10]են ասել, եւ տատս գոհ է եղել ու առավել գոհ՝ իր «քաղաքավարի» խոսացածի ազդեցությունից…

Միլիցիոներների հետ սեղան նստած Մանուկը նստած տեղից վեր է թռել՝ աչքերը չռած տատիս կրկնակոշիկներին․ «Այ կնիկ, էս ի՞նչ բան է, ինչո՞ւ Օնանը չի ներկայացել՝ տեղեկություն տալու քո նոր ոտնամանների մասին, կարո՞ղ է մտքներդ ծուռ է»։ Տատս հայերենով ասել է․ «Վույ, քոռանամ, Մանուկ ջան, սրանց մոտ խայտառակ չենես։ Սրանք մեր Նիզարի կոշիկներն են, անցյալ տարի բերեցինք չափերը առար, քո մոտ կա, ապահով եղիր, սրանցից գյուղում միայն նա ունի…»։

Միլիցիոներների միջամտությունը չի օգնել։ Մանուկը ասել է․ «Ներեցեք, բատոնեբո, ես իմ պարտքն եմ կատարում»։ Ապահովության համար, ուսից կախ տված դաշտային պայուսակից հանել է թաց լաթով փաթաթած կավե սալիկը ու կոշիկների չափը մի անգամ էլ վերցրել, որ գյուղի շուրջ֊բոլորը խուզարկելու ժամանակ համեմատեր օտար հետքերի հետ։ Նա տանը թաց սալիկների վրա գրանցած պահում էր ամբողջ գյուղի ոտնահետքերի նմուշ֊պատճենները։ Այդ սալիկները Մանուկի մահից հետո Սանդրոյի համար հոգս էին դարձել։ Նա մի քանի անգամ գրել է շրջկենտրոն, որտեղ պետության շահերից դուրս գալով՝ շեշտում էր Մանուկի արխիվի եզակիության մասին։ Նորից ուղարկած երկրորդ, երրորդ նամակի մեջ բացատրել էր արխիվի ռազմական նշանակությունը՝ պետական պաշտպանողական տակտիկայից դուրս գալով, եւ վերջապես վերջին կետով բացատրում էր թշնամու հավանական հետախուզության մասին, որը հետամուտ էր իր տեսակի մեջ եզակի արխիվին։

Մի օր բեռնատարը կանգնեց Մանուկենց դռանը՝ մի քանի ակտիվիստ կուսակցականներ սկսեցին բարձել անվերջանալի ու անհամար արխիվը։ Ախալքալաքից բեռնատարի հետ եկած պաշտոնյան կանգնած ծխում էր։ Սալիկների միջից նա վերցրեց կովի ոտնահետք դրոշմած մի նմուշ, որի տակ Մանուկի մուրճ ու մանգաղ պատկերող ստորագրությունն էր դրված։ Հակառակ երեսին երրորդ դասարան վերջացրած նրա կինը մախաթով խզմզել էր․ «… Ամսիս վերջը վերին գեղից կռո, ցփռո Մկոն կովը բերել էր բուղի… բուղի դիմաց Աշոյին աշնանը մի մեշոկ ցորեն պարտք մնաց կամ երեք ռուբլի՝ փողով… Մկոյի եւ կովի ոտնահետքերը վերցված է… Մկոյի աջ տրեխը ծակ էր…»։ Պաշտոնյան տհաճությամբ սալիկը նետեց մեքենայի վրա, հետո կաշվե երկար վերարկուի փեշերը հավաքեց կոնքերի վրա, կքակզած շարունակեց ծխել՝ ոչ մեկի դեմքին չնայելով։ Բայց երբ դուրս բերեցին գաղտնի ֆոնդի մեջ մտնող այնպիսի սալիկներ, որտեղ գրանցված էին այս կամ այն ծխի շան, կատվի, հավերի, մկների ոտնահետքերը, պաշտոնյան պոռթկումով ծխախոտը դեն նետեց, թռավ մեքենայի վրա, սկսեց ոտներով ջարդոտել սալիկները ու ցած թափել։ Սանդրոյին գոռաց․ «Գժվե՞լ եք, ինչ է… Ձեր… Միայն հավերն ու մկներն էին այնտեղ պակաս…»։

Վարորդին գլխով արեց, թափով նստեցին մեքենայի խցիկը ու սլացան գյուղից դուրս։ Նման վերաբերմունքից վիրավորված՝ Մանուկի կինը նայում էր գյուղից հեռացող մեքենային ու լացում անզուսպ հեկեկոցով…


  • * *

… Թբիլիսիից եկած քննիչներն ամեն առավոտ մինչեւ գոտկատեղերը մերկացել են ու դեպի մեր ջրաղացը հոսող գետում լվացվել՝ իրենց թիկնեղ ու մկանուտ կառուցվածքով հիացնելով ու զարմացնելով գյուղի ամաչկոտ կանանց։ Նրանցից մեկի կրծքին առյուծ էր դաջված՝ թռիչքի պահին, պտուկից պտուկ ձգված երախով ու պոչով։ Մարգարի խորթ աղջիկը սրբիչը բռնած կանգնել է նրանց դեմ ու նրանց թրթռացող մկաններից, կատակներից ու համբույրներից քրքջացել֊քրքջացել է՝ առաջին անգամ իսկական տղամարդ տեսնող վախեցած կնոջ քրքիջով։ Մեր տանը Սերոբը լսել է նրա ծիծաղը, լսել է նրա քրքիջն ու անել անորոշությունից պատեպատ է խփվել։ Գոմում, իմ ու իր շատ սիրած, աղավնիներին մորթոտել, թափել է գետին։ Ինչ֊որ մեկը գյուղը հարայ է գցել, թե․ «Բերում են»։ Մեծ ու փոքր վազել են գյուղի ծայրամասը՝ բերման ենթարկված բանտարկյալին տեսնելու եւ հիասթափվել են, քանի որ դա նույն, սովորական, ամեն տարի Նովոռոսիյսկից գյուղ եկող Գիգոլն է եղել, միայն թե այս անգամ առանց իր հրաշք, կախարդական խուրջինի, որով միշտ զարմացնում էր գյուղացիներին իր նորություններով։ Գիգոլը քայլել է գյուղացիների աղմուկ֊աղաղակների, մեղադրող հայացքներից շփոթված, երեք հրացանավոր զինվորների առջեւից։

Քննությունն այնքան էլ մեծ արդյունք չի տվել։ Քննիչները մտածել են, միմյանց հետ տարակարծիք են եղել, վիճել են։ Հետո որոշել են, որ գյուղխորհրդի նախագահի նամակը անհետեւանք թողնելը ճիշտ չի լինի։ Պապիս պատկառելի տարի՞քն են հաշվի առել, թե՞ տատիս հյուրասիրած կաթն ու կարագը, թե՞ կոլտնտեսության աղունին ջրաղացպանի անհրաժեշտ լինելը, նրան խիստ զգուշացում են արել։ Գիգոլին բանտարկել են Մարգարենց նկուղում․ խոտից բացի մեղադրել են անօրինական երկու կին ունենալու համար։

Նիզարը գիմնազիայի ժանեկազարդ սպիտակ օձիքով վերնաշապիկն է հագել ու տարբեր գիտություններից ստացած իմաստությունն աչքերի մեջ՝ ներկայացել է քննիչներին․ «Բատոնեբո, խնդրում եմ բացատրեք, թե բանն ինչո՞ւմն է»։ Նրանք երկար բացատրել են, մեջ բերել փաստեր։ Նիզարը ասել է․ «Ոչ, մեր երկրի օրենքներով այդ փաստերի համար չեն դատում»։ Նրանք ասել են․ «Լավ, բաց խոսենք, եթե նա չդատվի, ուրեմն ծերուկն է դատվելու, իսկ նա ջահել է, կդիմանա, մի երկու տարի կնստի ու կգա»։

Հետո Նիզարը մտել է բանտարկյալ Գիգոլի մոտ, ասել է․ «Պապի փրկության համար դու պիտի գնաս… արիացիր…»։ Գիգոլը գունատվել է, կմկմացել է․ «Ախր, ինչո՞ւ ես…»։ Նիզարը նրան չի թողել շարունակի, նայել է աչքերի խորքը, ասել է․ «Ես գիտեմ, որ դու հոժարությամբ կանես եւ կդիմանաս փորձությանը, արիացիր…»։

Գիշերվա կեսին գյուղում սահմռկեցուցիչ մի ճիչ է լսվել… Ում ալրմաղը պատից կախված է եղել, տարուբերվել, ընկել է ցած։ Ով գիշերը խմոր է հունցել, որ առավոտյան հաց թխի, մարդակների արանքից հողը շռռալով լցվել է խմորի տաշտը։ Ով կճուճների մեջ մածուն է մերել, որ առավոտյան գութանավորին ուղարկի, կտրվել, կարմիր ջուր է դարձել։ Ով եզ է ունեցել գոմերում կապած, արյան հոտից խելագարված՝ շղթաները կտրել, փախել են դաշտերը, իրար պոզահարել։ Մեր ջրաղացի գետը լցված արյունը հոլուղի մեջ մակարդվել է, ու ջրաղացը կանգնել է…

Գիշերվա կեսին Սերոբը մտել է Մարգարենց տուն եւ ձեռքի գերանդին խրել Մարգարի խորթ աղջկա վրա պառկած միլիցիոների թիկունքը, ու նրա մարտերում կոփված, գեղեցիկ մարմնի կառուցվածքի տակ մորթվել է նաեւ Մարգարի խորթ աղջկա տաք հեւքը։ Ու մինչեւ արեգակի ծագելը մի արնաթաթախ ճիչ է թափառել գյուղի նոր վարած ակոսների մեջ, սար ու ձորի վրա։ Առավոտյան, երբ Սերոբին ու Գիգոլին տարել են, Սերոբը ծոցն ու գրպանները սիսեռ է լցրել։ Իրենց տանող սայլի ճռճռացող անիվների երաժշտության տակ, սայլի տախտակների արանքից, թաքուն, որ ուղեկցող պարեկները չտեսնեն, մեկիկ֊մեկիկ սիսեռ է գցել, որ ինքն ու Գիգոլը տունդարձի ժամանակ չմոլորվեն, այդ նշաններով գտնեն գյուղի ճանապարհը ու գան տուն հասնեն։ Նրանց տանելուց հետո պապս ջրաղացը կանգնեցրել է, իսկ չխկանին Բախտիարի նալիկներից էլի երեք հատ կախել է ու մինչեւ գիշերվա կեսը, ականջը գյուղից հեռացող սայլի ճռնչոցին, ծխել է ու ծխել։

Առավոտյան լեյտենանտն ու մի քանի զինվորները, որ մնացել էին ալեկոծ գյուղը խաղաղեցնելու, պապիս կանգնեցրել են ջրաղացի պատի տակ գնդակահարելու՝ Կարմիր բանակ ուղարկվող աղունն ու ալյուրը գիշերը գետը լցնելու համար։

Սանդրոն պատի տակ կանգնած գնդակահարվող պապիս ասել է․ «Տեսա՞ր, Օնան, միմ քիչ պոչդ սեղմեցին, Գիգոլին ու թոռիդ տարան թե չէ, ոնց հակայությունդ երեւա՞ց…»։

Այդ պահին տեր Ներսեն շուրջառը հագին, թոնրի խաչերկաթը ձեռքին՝ ամբոխը ճեղքելով մոտեցել է պապիս․ «Օնան,— ասել է,— խոստովանիր, Աստված ողորմած է․ համբուրիր խաչը»։ Լեյտենանտը, առանց երկար֊բարակ մտածելու, խաչերկաթը դեն է գցել ու նրան էլ է կանգնեցրել, գնդակահարելու պատի տակ՝ պապիս կողքին։ Նա սկզբից չէր զգացել, որ մեռնելու է։ Այդ բանը հասկացել է, երբ հասարակությանը լռություն պատվիրելուց հետո միլիցիոներ Մանուկը հայտարարել էր, որ գնդակահարությունն ի կատար ածելուց հետո հանգուցյալների ոտնամանները բռնագրավելու է պետության անունից։ Ասել է․ «Ի՞նչ է, ձեզ հավանական չի՞ թվում, որ թշնամին կարող է գերեզմանից հանգուցյալների տրեխները հանի ու ինձ սխալ հետքերի վրա գցելու համար հագնի»։ Տեր Ներսեն ցնցվել էր, հետո գոռացել, թե մեջքին մրջյուններ են ման գալիս ու ցնորվել։ «Երանելի մարտիրոսը» պիտի դասվեր սրբերի դասին, եթե չպատահեր այն, ինչ պատահեց։ Ջրի բարակ մի շիթ դուրս պրծավ նրա անդրավարտիքի ձախ փողքից ու լճացավ ոտների տակ։ Հրացաններն ուսած զինվորները, որ «կրակ» հրամանին էին սպասում, վարանեցին, հրացանները իջեցրին ու սապոգների քթերով գետինն էին փորփրում։ Լեյտենանտը հրամանը բերանին՝ երկար մտածեց, գրպանից ձյունի պես սպիտակ թաշկինակը հանեց, տվեց զինվորներից մեկին, որ երանելու աչքերը կապի։ Մինչեւ այս մանր֊մունր հրամանները կկատարվեին, վարժապետ Նիզարի հղած հեռագրի պատասխանը մեր խելառ Օնանը հեւասպառ, վազելով փոստից բերեց ու տվեց սպային։ Նա զինվորներին «թողնել» հրամայեց ու տեր Ներսոյին ասաց․ «Չլիներ Մոսկվայի այս դեպեշան, պոկազալ բը, թե ինչ բան է հասարակ, աշխատավոր մարդուն խաչերկաթով խաբելը»։ Հավաքվածները զարմացած էին Մոսկվա քաղաքի անունը լսելով, էլ ավելի զարմացան, որ նա միլիցիոներ Մանուկից հզոր է ու կարող է այդքան զորավոր հեռագիր ուղարկել։ Մարտիրոսության շեմին կանգնած երանելին դեռ ուշքի չէր եկել, ասաց․ «Աստծու անունով եմ խնդրում, լեյտենանտ կթողես ինձ ժամի բակում թաղեն։ Իսկ իմ հոտը թող իմանա, եթե մանանեխի հատիկի չափ էլ հավատ ունենա, կհաղթի լուսնային հիվանդությանը, որ մեր ազգի ժառանգական չարիքն է»։ Հավաքված ամբոխը քրքջաց, հռհռաց։ Մի քանիսը նույնիսկ ցուցամատները ատրճանակի նման առաջ տնկած՝ բախ֊բախ արին։

Սպան պապիս ու Ներսեին բանտարկեց ջրաղացում, դռանը պահակ կարգեց, ժողովրդին հրամայեց․ «Ցրվել տները»։ Երեկոյան քաղաքից եկած քննիչը չեղյալ համարեց գնդակահարության վերաբերյալ նրա ինքնագլուխ որոշումը։ Բռնագրավեցին պապիս ամբարներում պահվող ցորենը, խոտը, ոչխարները, կովը եւ խիստ նկատողություն արվեց։ Բռնագրավվեց նաեւ ունեցվածքը։ Հետագայում, ժամանակ առ ժամանակ պատահում էր, որ տեր Ներսեն, նստած կամ քնած, տեղից հանկարծ վեր էր թռչում, գոռում, որ մեջքին լուսնից ընկած մրջյուններ են ման գալիս։ Հետո օդայի անկյուններից մեկում հայտնաբերում էր անորոշ մի կետ ու խոսում նրա հետ․ «Հեյ, լսում ե՞ք, տրեխներս չտանեք… լսում եք, հեյ, ես ձեզ խաչով եմ արգելում…»։ Այսպիսի մենախոսությունից հետո կամաց֊կամաց դարձյալ վերադառնում էր իրեն, զարմանում, երեսին խաչ հանում ու շշնջում․ «Իսոս Քրիստոս»։

Նազին՝ Խելառ Օնանի մայրը, որսորդական հրացանը ձեռքին՝ գիշերը մտած է եղել Սանդրոյենց տուն, Սանդրոյի վրա արձակած երկու գնդակներն էլ վրիպել է։ Նազին էլի շատ անգամ, տարբեր զենքերով փորձեց Սանդրոյին սպանել։ Նրան այդպես էլ չհաջողվեց, քանի որ Սանդրոն զգեստի տակից օղազրահ էր հագնում։ Երբ նրան՝ իբրեւ խելագարի տարել են Սուրամ՝ հոգեբուժարան, գյուղացիք պապիս ու Խելառ Օնանին հույս են տվել, որ շատ «դարդ չանեն»․ դա աշխարհի ամենալավ գժանոցն է, որ նույնիսկ ցարի ժամանակ Սուրամ են տարվել երկրի բոլոր խելռած թագաժառանգներն ու իշխանները։ Հետո Նազին հոգեբուժարանում վերջին մահափորձը կատարեց իր վրա․ բացել էր կոկորդի քներակը եւ դրանով համարել, որ լուծել է Սանդրոյի դեմ ունեցած վրեժը։ Իսկ պապս, Տաշքենդ, Տիրան հորեղբորս նամակ նամակի ետեւից գրել էր տալիս, որ Գեւորգը գա՝ «Գործից կհասկանա ու մի բան կպարզի»։ Ու Գեւորգը նրա հարյուրներով գրած նամակներին միայն մեկ պատասխան նամակ գրեց, որով խնդրում էր իրեն հանգիստ թողնել, քանի որ կարող է «մերոնց բռնած այդ գործը» նաեւ իր կուսակցական, աշխատանքային դիրքի վրա վատ անդրադառնա, եթե ինքը գյուղ գա։ Պապս լուռ, առանց խոսքի ու զայրույթի մի նալիկ էլ է ավելացրել չխկանի վրա ու մախորկայի դառը ծխից թոքերը կտրատող հազով հազացել, հազացել է երկար, ձիգ ու արցունքոտ։ Հանկարծ զսպում էր հազը ու մի պահ արցունքակալված աչքերով նայում երկինք՝ չի՞ երեւում, արդյոք, մեր այրոպլանը։ Նա գիտեր՝ Մարգարը միշտ այդպիսի անելանելի պահերին էր հայտնվում, ու առանց տատանվելու լուծում չլուծվող հարցերը։ Ու քիչ առաջվա կուլ տված հազը դարձյալ դուրս էր թռչում թոքերից, ու նա հազում էր երկար, ձիգ ու արցունքոտ։

Մի տարի հետո, հեռավոր օվկիանոսի ափերից, Սերոբից նամակ ստացանք։ Գրում էր, որ պատահում են օրեր, երբ ինքը շատ սուր առնում է Հայկուշ տատի գոգնոցի հոտը, որ ինքը հաստատ հիշում է, թե ինչպես են ծնվելուց իրեն փաթաթել Հայկուշ տատի գոգնոցի մեջ։ Մերոնք մտածեցին, եւ ոչ մեկը կոնկրետ այդպիսի դեպք չէր հիշում նրա ծնունդի վերաբերյալ։ Հետո պարզաբանման համար տատմեր Նխշունին կանչեցին։ Նա հիշեց դեպքը, հաստատեց նամակի ճշմարտացիությունը, այո, դեպքը պատահել էր նույնությամբ՝ նամակի նկարագրածով։ Պապս մի օր Տիրան հորեղբորս ասաց․ «Գնացեք տղայի մոտ, նրան գոգնոցի այդ հոտից փրկություն չկա, նա էլ չի կարող կռվել բանտարկության դեմ»։ Սակայն ես ու Խելառ Օնանը չէինք հավատում պապիս ասածին, թե Սերոբին փրկություն չկա։ Քանի որ Սերոբը, մեզ հետ նույնպես լսել էր Մարգարին, գիտեր նրա բորբոսնած գուլպաներով բանտից փախչելու մեթոդի փորձարկած հուսալիությունը։ Եվ մենք համոզված էինք, որ մի օր կվերադառնա Սերոբը… Մի նոր տարբերակով խաբած՝ բանտարկության իր տասը տարիներին…

Տիրան հորեղբայրս կնոջ՝ Չինարի հետ մեկնել է Վլադիվոստոկ, իրենց հետ տանելով տատիս գոգնոցը՝ տասը տարվա խիստ ռեժիմով դատապարտված Սերոբին եւ այնտեղ էլ բնակություն հաստատել։ Երկու տարի էլ անցավ ու նրանցից նամակ ստացանք, որ Սերոբը բանտում մահացել է։ Ու մինչեւ խոր ծերություն նրանք հավատարիմ մնացին Սերոբի գերեզմանաթմբին։


  • * *

Մի օր միլիցիոներ Մանուկը գնացել էր անտառ՝ իր նորաշեն գոմի համար փայտ բերելու։ Գնացել էր ու արդեն երկրորդ օրն էր, չկար։ Սանդրոյի տագնապը զգացվում էր կասկածոտ հայացքից։ Քանի որ նա գյուղացիներից ամեն մեկի մեջ Մանուկի հակառակորդներին էր տեսնում, գյուղն ընկավ խուճապի մեջ։ Սկսեցին իրար կասկածել․ ամեն մեկին թվում էր, թե մյուսը զրպարտագիր կգրի։ Սանդրոյի հրամանով մի քանի ակտիվիստ կուսակցականներ գնացին անտառ։ Տեսել էին գոմեշները՝ լուծը վզներին, լծից փայտքաշ շղթաները կախ, արածում են։ Իսկ ծառի տակ, փորից խոցված՝ ընկած է Մանուկը։ Անտառի լռության մեջ մերթ ընդ մերթ թափվում էին եղեւնիների կոները։ Իր ամբողջ գեղեցկությամբ ծաղկել էր գետնամորին։ Մանուկի վերքի վրա վայրի մեղուներն էին պարսերով իջնում ու բարձրանում։ Եթե չլիներ անտառ գործուղված կուսակցականների միջամտությունը, մեղուների պարսերը կտանեին Մանուկին, կտարալուծեին բջիջ առ բջիջ՝ մի նոր գոյ արարելու համար։ Նրա կես դին էր մնացել, բերեցին գյուղ։

Ախալքալաքից եկած քննիչները շատերին կասկածեցին, շատերի հետ նաեւ մեր Խելառ Օնանին։ Մանուկի փորի վերքը հուշում էր միայն ու միայն սուր գործիքի հարված։ Կասկածը կար, բայց քննիչները չէին կարողանում հետքի վրա ընկնել, շրջկենտրոնում հետք վերցնող շուն չկար, իսկ Թբիլիսին իր ունեցած միակ շանը չէր ուղարկում։ Պնդում էր, որ գործը ավարտեն տեղի ուժերով։ Վարժապետ Նիզարը դողում էր մեր տոհմից մնացած միակ տղամարդ Խելառ Օնանի համար։ Ժամերով նստեցնում էր իր դիմաց՝ սեղանի առաջ, ու խստագույնս սովորեցնում, թե որ հարցին ինչպես պատասխանի՝ շաբաթներ ձգձգվող մղձավանջային քննությունների ժամանակ։ Նա, որ ամեն հարցում հավատարիմ էր ճշմարտությանը, հիմա այլ բան էր մտածում․ «Ինչ էլ լինի, դուրս պրծացնել Խելառ Օնանին»։ Օրերն ու շաբաթներն անցնում էին, կասկածվողների քննությունն արդյունք չէր տալիս, ու գործը ձգձգվում էր։ Բոլորը բնազդով զգում էին, որ վտանգը թաքնված է ձգձգվելու մեջ։ Ձգվող գործը վտանգավոր էր նաեւ քննիչների համար, եւ գերեզմանից հանած Մանուկի դիակը մեկ ուրիշ ճշմարտության հանգեցրեց․ «Ախր ոնց չեն նկատել, նրա փորի վերքից պարզ երեւում է շոգից խելագարված գոմեշների կոտոշների հարվածի տեղը։ Այստեղ երկու կարծիք լինել չէր կարող»։ Մանավանդ, վկաներն էլ չերկմտեցին ստորագրել ակտի տակ։ Մանուկին Ախալքալաքից ուղարկված պետական ոսկեփայլ դագաղով թաղեցին երկրորդ անգամ։ Քանի որ թաղմանը մարդ չկար, բացի Սանդրոյից ու գյուղի նախագահից, կոլտնտեսության եզներն ու սայլը բերեցին, ու դագաղը հասցրին գերեզմանոց։ Սանդրոյի պահանջով ակումբից բերեցին գյուղի միակ բարձրախոսը, որով դեպքից դեպք սարերում քաղվորների, յայլաներում հովիվների համար գյուղի ինքնագործ խմբի համերգներն էին տալիս։ Ու նա գերեզմանոցից գյուղի համար ճառ արտասանեց․ «Այսօր մեզանից հեռանում է… Տո, ուտող ուրացողներ, մի լավ հիշեք մարդագելի տարիները… Այս մարդը ձմռան լուսումութին, արհամարհելով իր մահը, արհամարհելով մարդագելին, հասավ Թբիլիսի՝ բերելու ձեր փրկության հրամանը…»։

Այնուհետեւ գյուղի պատուհաններն ու երդիկները փակվեցին։

Մանուկին թաղեցին միլիցիոների հագուստով՝ կողքի մաուզերի զույգ պատյաններում ոսկեկար մաշիկները դրված։ Իսկ Սանդրոյի կողքին հեծկլտում էր Մանուկի նիհար, հարբուխից երբեք չլավացող կինը։ Գյուղի վրա սառում էր երկար օրը, պիտի սկսվեր պաղ գիշերը։


  • * *

Մի օր Խելառ Օնանը հասկացել է, որ ինքը տոհմի ամբողջ պատմության մեջ միայնակ է։ Խեչոյի կառուցած տների, մեկը մյուսի հետ կապված քառակուսի անցքերով պատուհաններից ձայն է տվել, հարայ է գցել․ «Հասեք, հե՜յ… փրկեք, հե՜յ…»։ Նրան ոչ ոք չի արձագանքել։ Նորից հարսներին է ձայն տվել, Բախտիարին կանչել եւ հանկարծ հիշել, որ Տիրանն ու Չինարը կենդանի են։ Մեկնած է եղել Վլադիվոստոկ՝ նրանց բերելու։ Երկուսին էլ գտած է եղել կուրացած՝ ծերանոցում։ Նրանք չեն ցանկացել առանց Սերոբի գյուղ գալ, գնացել են գերեզմանոց, եւ Օնանը հասկացել է, որ վաղուց Սերոբի գերեզմանաթումբը գետնին է հավասարվել, ու այն գտնել հնարավոր չէ։ Երկար տարիներ այս երկու կույր ծերունիները ձեռք ձեռքի տված, եկած են եղել գերեզմանոց, մոմեր են վառած եղել պատահական թմբերի ու քարերի վրա։ Իսկ բոլոր թմբերին վարդ ու ծաղիկներ են աճել։

Օնանը խանութից մի ճամպրուկ օղաբլիթ է գնել՝ իբրեւ Սերոբի գերեզմանից հանած ոսկորներն են, եւ նրանց բերած, հասցրած է եղել գյուղ։ Մեծ հանդիսավորությամբ ճամպրուկը թաղել է գյուղի գերեզմանատանը։ Ու մեր տնից մինչեւ գերեզմանատուն մի երկար, շատ երկար պարան է կապել։ Իսկ կույրերը ձեռք ձեռքի եւ պարանը բռնած՝ գնացել են գերեզմանոց՝ Սերոբի շիրիմին մոմեր վառելու։ Ու էլի շատ անգամ սխալվել են, մոմեր են վառել պատահած քար ու թմբի վրա, եւ ամբողջ գերեզմանատանը վարդ ու ծաղիկներ են աճել։

Հաճախ գյուղի չարաճճի երեխաները պարանի՝ գերեզմանոց տանող ծայրը կապել են ջրափոսերում ննջացող գոմեշների պոչերից, ու նրանց հետույքներին խունկ են ծխացել ու մոմեր վառել։ Ու այդ տարի գյուղում ամուլ գոմեշ չի մնացել։ Ստերջը զույգ է ծնել, ծնողը՝ քառակի, իսկ կթվողի կաթը այնքան յուղոտ է եղել, որ հարկ է զգացվել սերը կտրել թաթագիշներով։ Մի օր գործի պարզություն սիրողները պարանի ծայրին քար են կապել ու նետել լճի խորքը։ Կույրերը պարանը բռնած եկել են ու ջրի վրա քայլելով գնացել ու գնացել են։ Ափին կանգնածները այնքան են նայել նրանց հետեւից, մինչեւ որ հոգնել են, մի քանիսը նույնիսկ ձանձրացած թողել, տուն են գնացել։ Տիրանն ու Չինարը այլեւս չեն վերադարձել, իսկ այդ լիճը մի ափով միանում էր հորիզոնին, հետո ձուլվում երկնքին։


  • * *

Երեք տարվա բանտարկությունից հետո Գիգոլը վերադարձավ Սիբիրից։ Նիհարած էր ու աչքերի փայլը կորցրած։ Նա օրվա մեջ մի քանի ծխախոտ էր ծխում, որոնք յուրահատուկ, օտար բուրմունք ունեին։ Հենց գալու առաջին օրը մտել էր ջրաղաց՝ պապիս հետ խոսելու։ Նրա ժպիտին, ձեռքսեղմումին չէր պատասխանել, ասել էր․ «Այն ժամանակ, որ Սերոբին էլ բանտարկեցին, գիշերը մարագի պատուհանից տեսա, թե դու ինչպես էիր ցորենն ու ալյուրը լցնում գետը։ Ես քեզ մատնեցի, սպային ես էի ասել, որ դա քո արած գործն է»։ Նրա դեմքին դատարկություն է եղել, ահավոր միայնակություն։ Պապս չի ծխել, չխկանին նալիկ չի ավելացրել, ասել է․ «Դրանք դատարկ բաներ են, դրա մեջ ոչ մի վատ բան էլ չկա։ Հասկանալի բան է՝ դու ջահել էիր ու ուզում էիր տանը մնալ։ Այդպիսի բաներ պատահում են, արիացիր…»։

Գիգոլն ասել է․ «Գիտե՞ս, Սերոբն ինչի ետ չեկավ․ չգիտես, դե ուրեմն իմացիր։ Նա դռան ետեւից լսել էր, երբ ես մատնում էի… Դեռ այն ժամանակ, նրա աչքերից զգացի, որ էլ ետ չի գա, որովհետեւ նա այդ պահից էլ չէր հավատում, որ լուսնային այրոցքների գիշերներին լեռները քայլում են… Դու գիտես, չէ՞, մեր արքայական հպարտությունը հա, հա, հա… արքայական խեղճությունը հա, հա, հա… Մարգարի արքայական վախը, նա այնքան հպարտ էր, որ վախից սպանեց ուփալո Լոմոյին… Իսկ դու քայլող լեռների մասին հորինած հեքիաթներով իմ միջոցով ընդհատեցիր Սերոբի կյանքը…»։ Հետո ծունկ է իջել պապիս առաջ, նրա զույգ ձեռները սեղմել է դեմքին ու հարցրել․ «Մի՞թե ճիշտ է այդ մղձավանջային լուսնային հիվանդությունը, ու, որ այդ օրերին լեռները քայլում են… Եթե նրանք քայլում են, ինձ չեն ների։ Դա ես զգում եմ լուսնյակ գիշերներին…»։ Այդ գաղտնիքը պապս պահեց։ Տատս իր իմացած բոլոր միջոցները կիրառեց։ Խոտերից պատրաստած հյութեր էր խմեցնում Գիգոլին, որ մեղմեր նրա ցանկությունը օտար բուրմունք ունեցող ծխախոտի նկատմամբ։ Ու մի օր հուսահատ լացեց, զարմացավ․ «Այդ ինչ հիվանդություն է, որ ինքը՝ գյուղի ամենալավ հեքիմը, չի կարողանում գլուխ հանել»։ Եվ ավելի շատ զարմացավ, երբ լսեց Նիզարի գիտական բացատրությունը աշխարհում գոյություն ունեցող «ափիոնամոլություն» հիվանդության եւ նրա գաղտնիքների մասին եւ այն մասին, որ ոչ մի խոտաբույս այդ հիվանդությանը չի օգնի։

Գիգոլն իրենց դաշտում մի քիչ տեղ կանեփ ցանեց եւ նրա հուսահատությունն ավելի կրկնապատկվեց, երբ կանեփն աճեց եւ քամուց ալիք տվեց։ Ծխում էր ու օրերով ընկնում անզգա վիճակի մեջ։ Նիզարի գիտական, հոգեբանական բացատրությունները չէին օգնում։

Մի քանի անգամ պապս գնացել է նրանց բակը, նստել է կողքին, ասել է․ «Այս տարի հրաշալի բերք կա, քանի տաք քամիները չեն փչել, հարկավոր է անկորուստ հավաքել»։ Ասել է․ «Մի բան եմ որոշել, չգիտեմ դու ի՞նչ կասես։ Բարդուղը, էն սեւ եզը՝ Ոսկեպոչին, ծախում է, չառնե՞նք, աչքիս առաջ է մեծացել, լավ եզ է, դու կլծես»։ Գիգոլը, դատարկությունն աչքերում ու ահավոր միայնակությունը դեմքին, ասել է․ «Ես մատնել եմ Քրիստոսին… իսկ փրկության ոչ մի աղոթք չգիտեմ…»։ Պապս մորմոքը սրտում վերադարձել է տուն։

Մի օր լուր է տարածվել, թե սատանա Վաղոն՝ տատիս հայրը, գիշերը, շաղգամի արտը հնձելիս, իր աչքով է տեսել, թե ինչպես մի հրեղեն ձի իջել է երկնքից, որ շաղգամի արտը տրորի։ Նա՝ պարանը ձեռքին, թաքուն մոտեցել է, որ բռնի, ձին նկատել է, պնչերից հրեղեն կրակ է թողել, կրակը կպել է Վաղոյի ձախ ձեռքին, ու մի թեւը մի թզաչափով կարճացել է, չորացել ու մտրակի նման կախ ընկել։ Վաղոյի խեղաթյուրվելու լուրը Գիգոլին ավելի հուսահատեցրեց։ Այդ օրը նա երակից ինքն իրեն սրսկել էր ու վերջում բուժասեղի անցքով արյան մեջ օդ բաց թողել։ Օրը շաբաթ էր, լուսինը մեկ օրական։

Նրա թաղմանը Նովոռոսիյսկից ռուս կինն ու նրա հայրն էին եկել, եւ գյուղի գիտուններից մեկը մեկնաբանել էր, որ Գիգոլի կնոջ հայրը ոչ թե գեներալ է, այլ՝ մայոր։ Իսկ թաղման հաջորդ գիշերը, չղջիկները, չգիտես ինչո՞ւ, սկսեցին ելումուտ անել մեր ջրհորը։ Քամին մերթ ընդ մերթ ժանգոտ դույլն էր պատեպատ զարկում ու մեզ թվում էր, թե այդ գիշեր մեկը ջրհորում երեսը ճղված թմբուկ է խփում։

Այդ դեպքից մի տարի անց հարեւան գյուղերից մեկում տարրական դպրոց բացվեց։ Նիզարին նշանակեցին այդ դպրոցի տնօրեն։ Նա իր հետ վերցրեց մանուկ Արարատի եւ Գիգոլի լուսանկարները, որ այնտեղ՝ մենության գիշերներին նրանք իր հետ լինեն։ Նրանց դատարկ տան շուրջը առատ եղինջ աճեց, իսկ պաղ գիշերներին բվի կանչը այդ կողմերից էր լսվում…


  • * *

… Նալոգ Աբգարը հաճախ էր բացակայում տնից։ Նրա բացակայության օրերին շատ էի գնացել ու եկել նրանց տուն։ Չարդախենց Հոռոմը իրենց կտուրից շատ անգամ էր նկատել, որ ես այնտեղից խոնջացած եմ դուրս գալիս, մի օր կտրել էր Աբգարի ճանապարհն ու ասել․ «Աչալուրջ եղիր»։

Օհաննայի տունը տաք էր։ Օհաննայի մարմինն ու անկողինը տաք էին։ Ես պառկել էի նրա վրա։ Աբգարը հրացանի սառը փողը դրել էր մեջքիս ու սարսափահար գոռում էր․ «Չշարժվես, շան ծիծ կերած, բոզի տղա, մեջը արջի գնդակ է, երկուսիդ էլ ցրիվ կտամ»։ Անկյունի փոքրիկ մահճակալին ճղճղում էր Աբգարի վախեցած, քնատ տղան։ Աբգարի սարսափահար սուր ձայնը ուղեղս ու գիշերն էր ծակում․ «Հասեք, հե՜եյ, օգնեք, հեյ…»։ Բակում շղթաները կտրատող շները արձագանքում էին նրան, լսվում էր հարեւանների հարայ֊հրոցը, կատուն կտուրից աստիճաններով ցած էր իջնում։ Օհաննայի քրտնաթոր փորը պաղ էր, ու այդ ամենը՝ իմ շուրջը գոյություն ունեցող կյանքը, սարսափելի ու զվարճալի էր։ Տեղից բարձրանալու մի շարժում, եւ ամեն ինչ կջնջվի․ կատուն կմնա ընթացքի մեջ՝ աստիճանների կեսին, «օգնեցեքը» կմնա Աբգարի շուրթերին, շների հաչոցը չի շարունակվի։ Ու չի շարունակվի մեր անիծյալ տոհմի մեծ ճշմարտությունը, թեեւ քիչ չէր նաեւ ճակատագրի ծաղրը։ Օհաննան երկու ձեռքով փաթաթվել էր մեջքիս, աչքերը թալկացած ու ցնորված բոցկլտում էին․ «Չբարձրանաս, չանես այդ բանը, ապրել եմ ուզում, չբարձրանաս, աղաչում եմ։ Հիշիր, թե ոնց էիր պատի ծեփերը եղունգներով քանդում»։ Ամեն ինչ ծիծաղելի էր․ վախը, սարսափը, մեր տոհմը, հրացանի սառը փողը, ու այս ամենի մեջ կար գայթակղիչ ու վիճելի մի ճշմարտություն։ Հայրս հարեւանների ծիծաղ, աղմուկի տակ, քնքշանքով հանեց ինձ Օհաննայի վրայից, շորերս հագցրեց ու տարավ տուն։ Տանը, ցուցամատն ու բութը իրար միացրած, տարավ, բերավ քթիս տակ․ «Էհե՜յ, նոր գարուն ելած մոզիների պես դեռ կրունկներիդ ես ցռում ու կարծում ես, թե ես թույլ կտա՞մ, որ պառկես Զաքարի կնոջ վրա»։

Աբգարը մերկ Օհաննային տնից դուրս էր քշել, հրացանը ճոճելով ետեւից ընկել, ու նա վախեցած, առանց հագուստի, գյուղի միջով վազել էր դեպի մեր տուն, ու դեռ մերկ կին չտեսած գյուղի տղաները՝ ետեւից։ Օհաննան ծնողներ չուներ, նա գալիս էր տատիս մոտ։

Գյուղխորհրդի նախագահ Սանդրոն, փրփրակալած, սպիտակաբաշ ձիով, կտրել էր Աբգարի առաջն ու թե․ «Դու էս ի՞նչ ես անում, կուլակության մնացուկներն ես շարունակում, հա՞, գիտե՞ս դրա համար ինչ է հասնում, խորհրդային կնոջը մերկ տանից դուրս քշել ու էն էլ էս երեխեքի առաջ, որ պորտերի տեղն էլ չգիտեն։ Ամեն ինչի համար դատ ու դատաստան կա, հին ժամանակներն անցել են»։ Հետո նա, փրփրակալած, սպիտակաբաշ ձին կապել էր մեր դռանը ու խորհրդակցել հորս հետ, ասել էր․ «Էս գործից վատ հոտ է գալիս… Աստված չանի՝ վերեւներում իմանան»։

Մի օր առավոտյան հայրս Ախալքալաքից մի փայլփլուն բեռնատար ավտոմեքենա բերեց, ու մեր ունեցած հնոտին բարձեցին օգնության եկած հարեւանները։ Մենք լուռ ու անխոս գնում էինք մի հեռու֊հեռու երկիր․ ՀԱՅԱՍՏԱՆ։ Սանդրոն շարժվող մեքենայի ետեւից ձին քշեց, գոռաց հորս․ «Մի կարգին տեղ գնայիք, էդ ի՞նչ է, մի լավ ձիավորը մի օրում էդ երկրի շուրջբոլորը կֆռռա»։


  • * *

Մի անգամ, երբ շաբաթ էր ու լուսինը մեկ օրական, տատս վախեցավ ու կորցրեց հիշողությունը։ Վաղոն ասել էր․ «Ինչ լուսին, ինչ բան, լուսինն ի՞նչ է, որ մարդ նրանից վախենա՝ հիշողություն կորցնի։ Ահա, թե ինչ կասեմ․ նրա խելքը գողացել են չար ոգիները։ Այո, այո, նրանց թագավորի աղջիկը խելքից հիվանդ է։ Հայկուշինը գողացել են, որ նրանի տեղը դնեն։ Ես իմ աչքով տեսա, նրանք բարձել էին հրեղեն սեւ ձիուն ու տանում էին»։

Այդ օրերին ցնորամտությունից խաղաղության գիրկը վերադարձած տեր Ներսեն՝ ժառանգական լուսնային հիվանդությունից փրկվելու կոչ էր անում․ «Մանանեխի հատիկի չափ հույս ունենալ։ Հավատալ, որ լեռները քայլում են, եւ մահացողների ոտքերից տրեխները չհանել…»։

… Պապիս թաղման օրը տատս հարցրել էր․ «Էդ ո՞վ է մեռել»։ Ու թաղման թափորի հետ գերեզմանոց չի գնացել, գլխաշորը գցել է ուսերին ու գնացել է մեր հանդերը։ Երկու օր հետո Բախտիարն է սատկել, ասել է․ «Ույ, քոռանամ, Օնանը մեռավ»։ Նա տարվա եղանակները շփոթել էր, ձմեռ լիներ, թե գարուն՝ գլխաշորով փաթաթված գնում էր մեր հանդերը։ Ասում էր․ «Ամբողջ գյուղի ղազ ու մալ մեր արտի մեջ են, ոտքատակ են տալիս, բերքը կփչացնեն»։ Կգնար, երկար կնստեր Բախտիարի թմբին ու ցրտից դողալով տուն կգար։ Կբացատրեինք, որ ձմեռ է, հանդում բերք չկա, կհավատար, կասեր՝ հա ու նորից մի կես ժամ հետո, գլխաշորը ուսերին կգնար հանդ, կգար ջրաղացի բակը ու նորից՝ տուն։ Ասում էր․ «Արտին նայեցի, Օնանին հաց տարա, ասի, որ երեկոյան անպայման տուն գա, Գիգոլի բերած մուրծան եմ եփելու»։

Մի օր գողերը մտել են մեր մարագը՝ ալյուր գողանալու, տատս բռնացրել է նրանց հանցանքի վայրում։ Գողերը ասել են․ «Հայկուշ մամա, հանկարծ մարդու բան֊ման չասես»։ Տատս ասել է․ «Չէ, ի՞նչ պիտի ասեմ, խոմ խելա՞ռ չեմ»։ Նրանք պարկերով ալյուրը շալակներին գնացել են։ Մերոնց խնդրանքներին ականջալուր չեղավ, այդպես էլ գողերից ոչ մեկին չմատնեց։ Լսողները ասում էին․ «Խեղճը խելքը իստակ թռցրել է»։ Թաղի երեխաները նրա ետեւից քար էին նետում, հանդից վերադառնալիս, կես ճանապարհից նորից ետ էին ուղարկում․ «Չար ոգիների զորքը ձեր հանդն է լցվել»։ Ասում էին․ «Մի հատ երգի, լսենք»։ Տատս երգում էր՝ ինչ հիշեր․

«Մեր դռներին բասմա է, Յարիս վզին սեւ թասմա է Մուխվա սարը փուլ գա, Բալքի յարս տուն գա»։

Մի օր հայրս նրան փակեց մեր նորաշեն տան սենյակներից մեկում։ Ասաց․ «Ամբողջ գյուղի մեջ խայտառակ արեց»։ Երբ տատիս հանգստանալու կես ժամը լրացավ, դուռը քաշեց, տեսավ փակ է, ամբողջ օրը երեխայի նման աղիողորմ լացեց։ Այդ օրը հայրս տխուր ասաց․ «Օգուտ չունի տանը փակելը, նա հանդերի մեջ է փակված», ու փակ դուռը բացեց։

Մի անգամ նա երկար նայեց հորս դեմքին եւ հարցրեց․ «Ո՞ւմ տղան ես, բալա ջան»։

Այդ օրը մայրս մինչեւ լուսաբաց լաց եղավ հորս համար։

… Մի օր տատս հանդ գնաց ու էլ չեկավ։ Նրան, պատառոտված, ձեռքերի վրա առած տուն բերեց Խուրջականենց Օրեստիի տղան։ Կոլտնտեսության շները կատաղած թափառում էին սար ու ձոր։ Շան ամիս էր։ Տատիս թվացել էր, թե թափառող, կրքերից իրար հոշոտող ոհմակը զորք է։ Ոսկեծոպ մետաքսով զարդարված բերում են լուսնին, որ նա բռնաբարի կորեկի արտում հունձ անող մորը, խոտերի մեջ զատիկների հետ խաղացող վեց տարեկան քրոջը… Քանի որ լուսինը կերպարանափոխվել՝ յաթաղան դառնալ գիտեր, քսել են տատիս ստինքներին ու կտրել պտուկները՝ տեր ողորմյա սարքելու համար։ Օհ, տեր ողորմյա… Ու տատս մերոնցից ոչ մեկին կրծքով չի կերակրել, գուցե պատճառը այդ էր, կորցրած կաթը, որ հորս հարցնում էր․ «Ո՞ւմ տղան ես…»։ Իսկ ես, ես որտեղի՞ց եկա, եւ ի՞նչ է նշանակում այս ամենը, յաթաղանով հատած տատիս կաթը, տված հարցը։ Նշանակում է տատիցս առաջ կար հայրս, հորիցս առաջ կայի ես, ուրեմն, որտե՞ղ է ակունքը։ Ո՞վ էր կրում իմ կյանքն այն ժամանակ՝ լուսնային տարիներին։ Որտե՞ղ է իմ տոհմը, ինչպե՞ս թե չկա։ Չէ՞ որ ես նրանց կրում եմ, ինչպես նրանք՝ ինձ, այն ժամանակ՝ ամբարած իրենց ողնաշարներում, որպես տաք լավա փոխանցում էին սերնդից սերունդ։ Փախցնում էին յաթաղանից յաթաղան, ոճիրից ծնունդ։ Ու ես գոյատեւում էի, որպես պատճառ մեռելոց եւ հույսի։ Օհ, տեր ողորմյա եւ նրանց, ում չեմ ճանաչում, բայց կրել են ինձ իրենց մեջ… Չէ՞ որ պապս ասում էր, որ մեր լեռները քայլել գիտեն… Գուցե իրենց ուսերին առած լեռներն են ինձ բերել մինչեւ այստեղ… Այդպես էլ վառվեց դաշտը կորեկի, ու հանդի հետ միասին՝ մայրը, վեց տարեկան քույրը, գյուղը՝ պտուկները կտրված կանանցով։ Հիմա, առավոտ լուսո, աքաղաղը այդ գյուղի համար ծուղրուղու չի կանչում… Շնամիս էր։ Տատս նետվել էր շների վրա, հարազատներին օգնելու համար, ու նրան պատառոտել էին Բախտիարի թմբի վրա։ Նրա վերքերից արյուն չէր հոսում, արյուն չուներ, ի՞նչ հոսեր։ Օրը շաբաթ էր, լուսինը՝ մեկ օրական։

Տատիս դագաղը երկու օր տանը պահելուց հետո Տիրան հորեղբայրս ու հայրս պինդ մեխեցին՝ կատուներից ու մկներից պաշտպանելու համար, բարձրացրին կտուր, որ մինչեւ Գեւորգ հորեղբորս Տաշքենդից գալը չփչանա։

Պապիս թաղման ժամանակ նրան հեռագիր չէին տվել․ այդպես էր հանգուցյալը ցանկացել։ Քանի որ պապիս կողմից՝ տատիս վերաբերյալ որեւէ հրահանգ չկար, Տիրան հորեղբայրս ու հայրս երկար խորհրդակցելուց հետո որոշեցին նրան հեռագրել։ Մեղրամոմերը չթչթալով վառվում էին պինդ մեխված դագաղի գլխավերեւում։ Տիրան հորեղբայրս ու հայրս իրար հերթափոխելով նստում էին տանիքում՝ տատիս դագաղի մոտ։ Մենք՝ Խելառ Օնանն ու ես, վեգ ու պահմտոցի էինք խաղում, եւ շատ հաճախ մեր վազվզոցից հանգում էին թույլ առկայծող մոմերը։ Իր հերթապահության ժամանակ Տիրան հորեղբայրս սկզբում զայրանում էր, հետո ձանձրույթից ինքն էլ սկսեց մեզ հետ վեգ խաղալ։

Անցավ սպասման երկու շաբաթը, եւ վերարկուի վրայից ձյունը թափ տալով տուն մտավ Գեւորգ հորեղբայրս՝ իր խարտյաշ տղայի հոտ, որը հայերեն ոչ մի բառ չգիտեր։ Նա նիհար էր ու հաճախ էր անկյուն կանգնում՝ վատ ախորժակի համար։ Երբ Գեւորգ հորեղբայրս վերարկուն հանեց, կրծքին սկսեցին զնգզնգալ գույնզգույն մեդալներն ու շքանշանները։ Մեր տանը՝ տատիս դագաղի շուրջը, ասեղ գցելու տեղ չկար։ Ամբողջ գյուղը եկել էր մեդալներով զարդարված «տաշքենդների տեր, Օնանենց մինիստր տղային» տեսնելու։ Գյուղացիք պնդում էին, թե նրա ոսկեզօծ մեդալները «հաստատ ոսկի են»։ Տիրան հորեղբայրս ու հայրս ծանր կացության մեջ էին․ արդեն երկրորդ օրն էր նրանք մտմտում էին, բայց չէին կարողանում խոսելու մի ձեւ գտնել Գեւորգ հորեղբորս հետ, որ նա մեդալները հանի։ Որ տատիս թաղմանը նրա մեդալներով մասնակցությունը պատշաճ չէ։ Որ այդպիսի թաղումը, ինչ֊որ տոնահանդեսի տեսք կունենա, որ սգո արարողության մասնակիցների ուշադրությունը կշեղի։ Ու նրանց համարձակությունը քիչ էր՝ խոսքը թեքել այդ ուղղությամբ, մեկը մյուսին էր հանձնարարում՝ խոսք բացել այդ մասին։ Հետո, որպես ավագ, որպես «խոսքի նրբություններին տիրապետող, ինտիլիգենտ մարդ» խոսակցությունն իր վրա վերցրեց Տիրան հորեղբայրս։ Եվ Հայկուշ տատիս թաղումը կայացավ առանց մեդալների։ Բայց թաղման հաջորդ օրը Գեւորգ հորեղբայրս մեկնեց Տաշքենդ։ Նա նեղացած էր մեդալների համար արված դիտողությունից։ Ասել է․ «Ձեզանից ով գիտե, թե ինչ քրտինքով եմ սրանք վաստակել»։ Գնալուց առաջ իր խարտյաշ Սաշային ստիպեց՝ մեր տված վեգերը վերադարձնել, եւ նրանք գնացին։

Տարիներ անց, երբ ինֆարկտից ամբողջ մի շաբաթ մահանում էր հայրս եւ ինքնամոռաց Գեւորգին էր կանչում՝ մեր Խելառ Օնանը հինգերորդ հեռագիրն էր ուղարկել Տաշքենդ ու հուսահատ պատեպատ էր խփվում՝ կծկված հորս մահճի առաջ մռնչում․ «Ի՞նչ անեմ»։ Ուշքի եկած հայրս ասում էր․ «Ոչինչ, ոչինչ պետք չէ, Գեւորգը կգա»։ Խելառ Օնանին հույս տալու համար կատակում էր։ Մահվան օրը եկավ պատասխան հեռագիրը․ «Գեւորգը Տաշքենդում չէ, գտնվում է գործուղման մեջ»։ Նա գործուղման մեջ էր նաեւ հորս քառասունքի արարողության օրը, եւ մեր Խելառ Օնանը ատեց Տաշքենդ քաղաքը, որտեղ խարտյաշ մազերով սաշաներ են ծնվում, որտեղ արյան կանչը մեռնում է շեկ ավազների մեջ։

Գարնան մի օր պաշտոնյա հայրս հայտարարեց, թե․ «Հորս ջրաղացը պիտի աշխատեցնեմ»։ Մայրս նայեց նրա աչքերի մեջ․ «Քեզ այդքան քամակ որտեղից»։ Հայրս լայնեզր գլխարկով ու փողկապով էր եւ ինձ իր հետ, արեւոտ այդ առավոտ, տարավ ջրաղաց։ Ու տասն օր ու տասը գիշեր չխչխկացին նալիկները, տասն օր ու տասը գիշեր փակվեց շռշռանը, տասն օր ու տասը գիշեր սպիտակեցին սուրբ ոստայնները։ Տասն օր ու տասը գիշերում նա աղաց ամբողջ գյուղի աղունը։ Իմ ճակատին, մազերին սպիտակ ալյուր էր նստել, եւ ես զգացել էի ալյուրի բուրմունքը… Տասնմեկերորդ օրը եկանք տուն․ «Ես պրծա»։ Մայրս նրա աչքերի մեջ, ալյուրոտ իմ ճակատին նայեց, ու նրանք միմյանց հասկացան։


  • * *

Պապիս մահվանից հետո Հունանը լռակյաց դարձավ, նրան ընտելացած շները սովից թափառական դարձան, կողերը իրար կպած, գիշերները ոռնոցով լացում էին կտուրներին, խոտի դեզերին, միալար կաղկանձում․ Օնանը անտարբեր էր։ Մի օր խնկի ծառից հաստ ճյուղեր կտրեց ու մեր վարժապետ Նիզարի արվեստի վերաբերյալ ունեցած ճաշակից դասեր առած՝ սկսեց քանդակներ անել։ Մի շնչով Բախտիարին քանդակեց։ Պապիս քանդակեց։ Ջրաղացը, Պրաշա Գիգոլին, աէրոպլանի ղեկին՝ Մարգարին, Արարատին քանդակեց՝ սրբերին վայել ոսկեպսակը գագաթին, ջարդված քթով, արցունքն աչքերին՝ իրեն քանդակեց, մեր գյուղի լուսնային հիվանդությունը եւ քայլող լեռները քանդակեց։ Ու օրերով տնից դուրս չէր գալիս։

Մի օր Հայաստանից մարդիկ եկան, նայեցին նրա քանդակները։ Ասացին․ «Քաղաք բեր, ցուցահանդես բացենք»։

Ձմեռ էր։ Մի օր Հունանն ու վարժապետ Նիզարը քանդակները խնամքով փաթաթեցին, դրեցին արկղերի ու պարկերի մեջ։ Նիզարը նրա ճակատը համբուրեց, ու նա ճանապարհ ընկավ դեպի քաղաք։ Ճանապարհի կեսին ավտոբուսի բենզինը վերջացել է, սպիտակ բուքը մահվան տեսքով թափառել է ավտոբուսի պատուհանների տակ։ Վարորդը մի քանի տղամարդկանց հետ գնացել է մոտակա գյուղերից բենզին բերելու․ գնացել են եւ ուշացել։ Ավտոբուսում կանանց ծնկներին երեխաները լացել են։ Մայրերը իրենց վերարկուներով փաթաթել են ու խոստացել, որ մեծ քաղաքից փուչիկներ կգնեն՝ կանաչ, կարմիր։ Երեխաները լացել ու չեն հավատացել ձմռան ցրտի մեջ ոչ կանաչին, ոչ էլ կարմիրին։ Չարդախենց Հովհաննեսն ասել է․ «Դուրգար Օնան, մինչեւ նրանք գան, բեր փայտերդ վառենք։ Երեխաները մեղք են»։ Հունանը ասել է․ «Էլ ինչ կուզեիր, Օվանես, էս էլ խոմ գոմի ցախավելնե՞ր չեն, վերցնես ու վառես։ Հեյչ խաբար ե՞ս, էն օրն եկան քաղաքից, նայեցին, ասին՝ աշխարհահռչակ գործեր են»։ Հովհաննեսը ձայնը կտրել է, չիմանալով, թե ինչ բան է աշխարհահռչակը, որ Խելառ Օնանին են ասել։ Մեղավոր ժպտացել է, ասել է․ «Դու գիտես»։ Իսկ երեխաները լացել են՝ քթների ծայրերից կախված փուչիկները ուռեցնելով։ Հովհաննեսի կինը գաթա է հանել ցանցապարկի փաթեթների միջից, տղան չի հավատացել կարմիր արեւի նման գաթային, լացել է ու լացել։ Իսկ ավտոբուսի պատուհանից դուրս սպիտակ ձյունն էր՝ կարծես բուրդ էին ձաղկել ու փռել քուլա֊քուլա։

Սատանա Վաղոյենց ցեղից ծախունենց Վարդուշի աղջիկը ստինքը չի վերցրել բերանը, ու նրա թեւը մի թզաչափ կարճացել է։ Վարդուշը նրան ձեռքերի վրա է վերցրել, օրորելով՝ գնացել֊եկել է ավտոբուսի մեջ։ Հունանը կարկամած նայել է աղջնակի կարճացած թեւին…

Քնքուշի գրկում լացել է կապտած այտերով մանչուկը։ Չգիտես ինչու, Քնքուշի ամուսինը՝ Զաքարը, սկսել է թունդ հայհոյել կնոջը։ Իսկ Հովհաննեսը գլուխն առել է ափերի մեջ՝ աչքը աղջնակի կարճացած թեւին…

Հունանը պարկերը դուրս է տարել․ պապիս, Արարատին, Բախտիարին, ջրաղացը, իր ջարդած քիթը, Պրաշա Գիգոլին, բոլոր քանդակներն իրար վրա է դարսել ձյան վրա ու կրակ է վառել։ Խարույկի բոցը խոշոր է եղել՝ երկինք հասնող, իսկ նրա շուրջը տաքացող մարդիկ՝ մանր։ Երբ վարորդն ու նրա հետ գնացողները երեկոյան եկել են, ավտոբուսի շարժվելու ժամանակ, Չարդախենց Հովհաննեսը ձայն է տվել․ «Օնան, նստի, արդեն գնում ենք»։ Հունանը զգացել է, որ ջարդված քթից նորից արյուն է հոսում։ Կոկորդում խեղդելով իր ասելիքը, ձեռքը վերից վար թափ է տվել․

— Է՜հ։

Անորոշ նայել է մլմլացող կրակին ու ետ է եկել գյուղ…

Գյուղում թեթեւ քամի է եղել ու գետի երկու ափերի ծառերը հերթականությամբ տապալվել են, նույնիսկ ճռինչ չի լսվել։

Այդ պահից ծառը էլ չի ծխում, մեր տների վրա չկար խնկի բույրը։

Օրը շաբաթ էր, լուսինը՝ մեկ օրական։

1980թ․
Լենինական
  1. Նայի էդ շան որդուն (վրաց․)։
  2. Ես քո կաղ մերը լացացնեմ (վրաց․)։
  3. Հիմար, դուրս եկ, ես քո… (վրաց․)։
  4. Թյու, քո մերը լացացնեմ… (վրաց․)։
  5. Կայծակնահար լինես (վրաց․)։
  6. Սեւ հող լցնեմ քո վրա (վրաց․)։
  7. Քեզ մատաղ (վրաց․)։
  8. Այ հիմար շանորդի… (վրաց․)։
  9. Պարոններ (վրաց․)։
  10. Մեր մայրիկ (վրաց․)։