«Խնձորը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
 
Տող 8. Տող 8.
 
[[Կատեգորիա:Արձակ]]
 
[[Կատեգորիա:Արձակ]]
 
[[Կատեգորիա:Գիտաֆանտաստիկա]]
 
[[Կատեգորիա:Գիտաֆանտաստիկա]]
 +
[[Կատեգորիա:Բրիտանական գրականություն]]
  
  

Ընթացիկ տարբերակը 18:54, 13 Դեկտեմբերի 2015-ի դրությամբ

Խնձորը

հեղինակ՝ Հերբերտ Ուելս
թարգմանիչ՝ Գայանե Նասոյան
աղբյուր՝ «XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)


― Պետք է ազատվեմ դրանից, ― ասաց վագոնի անկյունում նստած մարդը` հանկարծ խզելով լռությունը։

Հինչքլիֆն աչքերը բարձրացրեց։ Նա գրեթե չէր լսում։ Ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել էր իր ճամպրուկի բռնակներից կախված քոլեջյան գլխարկին։ Այն նշան էր նոր ձեռք բերված ուսուցչի պաշտոնի։ Նա ամբողջովին տարված էր գլխարկը դիտելով, հաճելի ակնկալություններով ու մի տեսակ երախտիքի զգացումով, որ վերջինս ծնել էր նրա մեջ։ Հինչքլիֆը հենց նոր էր ընդունվել Լոնդոնի համալսարան և պատրաստվում էր Հոլմհուդի միջնակարգ դպրոցում ուսուցչի կրտսեր օգնական դառնալ, որն, անկասկած, շատ նախանձելի պաշտոն էր։ Նա հայացքը սևեռեց իր ուղեկցին։

― Ինչո՞ւ այն չտալ որևէ մեկին, ― ասաց վերջինս։ ― Տալ որև մեկին։ իսկ ինչո՞ւ ոչ։

Մարդը բարձրահասակ էր, թուխ, արևախանձ ու գունատ։ Նա ձեռքերը պինդ խաչել էր կրծքին, ոտքերը դրել դիմացի նստարանինու խաղում էր իր ուղիղ, սև բեղերի հետ։ Մարդը հանկարծ հայացքը սևեռեց իր ոտքերին։

― Իսկ ինչո՞ւ ոչ։

Հինչքլիֆը հազաց։

Անծանոթը բարձրացրեց աչքերը, նա շատ տարօրինակ մուգ մոխրագույն աչքեր ուներ և գրեթե մի ամբողջ րոպե անտարբերությամբ նայեց Հինչքլիֆին։ Հետո նրա աչքերն արտահայտություն ստացան։

― Այո,― ասաց նա դանդաղորեն, ― իսկ ինչո՞ւ ոչ, տալ ու հաշիվները փակել։

― Չեմ հասկանում ձեզ, ինչո՞ւմն է բանը, ― հարցրեց Հինչքլիֆը կրկին հազալով։

― Չե՞ք հասկանում, ― ասաց անծանոթը մեքենայաբար իր տարօրինակ աչքերը Հինչքլիֆից սահեցնելով պայուսակից ցուցադրաբար կախված գլխարկին և հետո` կրկին Հինչքլիֆի աղվամազով ծածկված դեմքին։

― Դուք այնքան անսպասելի սկսեցիք, ― արդարացավ Հինչքլիֆը։

― Իսկ ինչո՞ւ չպետք է սկսեի որ, ― պատասխանեց անծանոթը մտքերի մեջ ընկած։

― Ուսանո՞ղ եք, ― դիմեց նա Հինչքլիֆին։

― Այո, հեռակայում եմ Լոնդոնի համալսարանում, ― պատասխանեց վերջինս անզուսպ հպարտությամբ, ջղային քաշելով փողկապը։

― Գիտությամբ եք տարված, ― ասաց անծանոթն ու հանկարծ ոտքերն իջեցրեց նստարանից, բռունցքը դրեց ծնկին և հայացքն այնպես սևեռեց Հինչքլիֆին, որ կարծես թե մինչ այդ ուսանող չէր տեսել։

― Այո, ― ասաց նա` տնկելով ցուցամատը։ Հետո վեր կացավ, վերևից իջեցրեց մի պայուսակ ու լռությամբ այնտեղից դուրս հանեց արծաթյա թղթի մեջ փաթաթված ինչ֊որ կլոր բան, զգուշությամբ բացեց այն և պարզեց Հինչքլիֆին մի փոքրիկ, շատ ողորկ, ոսկեդեղնավուն պտուղ։ Հինչքլիֆի բերանը բաց մնաց զարմանքից։ Անծանոթը չառաջարկեց վերցնել այն, եթե անգամ ինքը ցանկանար։

― Սա, ― ասաց տարօրինակ մարդը, ― իմացության ծառի խնձորն է։ Ապա նայեցեք սրան. Փոքրիկ, փայլուն ու հրաշալի։Իմացություն։ Ուզում եմ այն ձեզ նվիրել։

Հինչքլիֆը մի պահտենդագին մտածեց, որին հաջորդեց բացատրությունը. «խենթ է», ― կայծակի նման անցավ նրա մտքով, և ամեն ինչ հասկանալի դարձավ։ «Հումորով խենթ»։ Հինչքլիֆը գլուխը մի փոքր թեքեց։

― Իմացության ծառի խնձորը, ահա թե ինչ, ― ասաց նա` զննելով այն կեղծ հետաքրքրությամբ։ Հետո նայեց զրուցակցին։

― Բայց ինչո՞ւ ինքներդ չեք ուտում այն։ Համ էլ ինչպե՞ս է ձեր ձեռքն ընկել։

― Ոչ մի կերպ գույնը չի գցում։ Արդեն երեք ամիս է, ինչ մոտս է, բայց միշտ փայլուն է, ողորկ, հասած ու ցանկալի, ինչպես տեսնում եք։

Անծանոթը ձեռքը դրեց ծնկին ու սկսեց զննել պտուղը` ընկնելով մտքերի մեջ։ Հետո թղթով փաթաթեց, կարծես հրաժարվելով ուրիշին տալու մտադրությունից։

― Բայց ինչպե՞ս է այն ձեր ձեռքն ընկել, ― Հինչքլիֆը սիրում էր վիճել, ― հետո որտեղի՞ց գիտեք, որ այն իմացության ծառի պտուղն է։

― Ես գնել եմ այն մի հայից, երեք ամիս առաջ, մի բաժակ ջրով ու մի կտոր հացով։ Հայաստան։ Այդ հրաշք երկիրը միակն է, որտեղ մինչև օրս պահպանվում է Նոյյան տապանը` Արարատ լեռան սառցադաշտերի մեջ թաղված։

Հայը, հետապնդվելով քրդերից, մյուս գաղթականների հետ բարձրացավ լեռները, հասավ մարդկանց մինչ այդ անհայտ վայրեր։ Փախչելով մոտալուտ հետապնդումից, նրանք հասան լեռնագագաթների մեջ ընկած մի զառիթափի` ամբողջովին ծածկված կանաչ խոտով։ Խոտը նման էր դանակի շեղբի և ներս մտնողին անգթորեն կտրատում էր։ Քրդերը մոտենում էին, նրանք ստիպված էին նետվել խոտի մեջ, սակայն ամենասարսափելին այն էր, որ գաղթականները այդ գնով ճամփա էին հարթում քրդերի համար։ Բոլորը սպանվեցին, կենդանի մնացին միայն երկուսը։ Հայը լսում էր իր ընկերների աղաղակները, մյուս կողմից գալիս էր խոտի խշշոցի ձայնը. խոտը մարդաբոյից բարձր էր։ Հետո լսվեցին բղավոց ու պատասխան գոռոցներ և, երբ նա կանգ առավ, շուրջն ամեն ինչ լռեց։ Նա նորից սկսեց ճանապարհ բացելիր համար` առանց ըմբռնելու եղածը, կտրտված ու արյունաքամ։ Շուտով դուրս եկավ ժայռերով շրջապատված մի գահավիժող զառիթափ։ Հետո տեսավ, որ ամբողջ խոտը կրակի մեջ է, որից ելնող ծուխը վարագույրի պես կանգնել է իր և թշնամիների միջև։

Անծանոթը կանգ առավ։

― Հետո՞,― ասաց Հինչքլիֆը, ― իսկ հետո՞։

― Կանգնած էր նա խոտերի շեղբերից պատառոտված ու արյունաքամ, իսկ ժայռերը փայլում էինկեսօրվա արևի տակ, երկնքի հալեցրած արույրը և կրաից ելնող ծուխը գալիս էին դեպի նա։ Հայը չհամարձակվեց մնալ այնտեղ։ Մահից չէ, որ վախենում էր, այլ` տանջանքներից։ Կրակից շատ հեռու ճիչ ու աղաղակ լսեց, լսեց, թե ինչպես էին կանայք ճչում։ Դժվարությամբ մագլցեց ժայռերից մեկի գագաթը, ամենուր մացառուտներ էին չորացած ճյուղերով, որոնք փշերի նման ցցվել էին տերևների միջից։ Հետո մագլցեց մի ուրիշ բլուր։ Այստեղ նա գտավ իր ուղեկցին, որը հովիվ էր, փախստական։ Արհամարհելով ցուրտը, քաղցը, ծարավը նրանք ձյան ու սառույցի միջով շարունակեցին իրենց ճանապարհը դեպի բարձունքները։ Երեք օր շարունակ թափառեցին։ Եվ ահա երրորդ օրը հայտնվեց տեսիլքը։ Հիրավի, քաղցած մարդկանց հաճախ են տեսիլքներ երևում։ Եվ դրանից հետո հայտնվեց այս պտուղը։

Անծանոթը բարձրացրեց թղթով փաթաթված պտուղը։

― Ես ուրիշ լեռնաբնակներից էլ եմ լսել այդ լեգենդի մասին, ― ասաց նա ու շարունակեց, ― արդեն երեկո էր։ Երկինքը աստղաշատ էր դառնում։ Նրանք լերկ զառիկողի վրայով իջան մի մութ դաշտավայր։ Վերջինս ամբողջովին ծածկված էր տարօրինակ, ծուռտիկ ծառերով։ Դրանցից կախված էին լուսատիտիկների նման փոքրիկ գնդեր, արտասովոր կլորավուն դեղին լույսեր։ Հանկարծ դաշտավայրը լուսավորվեց հեռու հեռվում փայլուն ոսկեգույն բոցով, որն առաջ էր շարժվում։ Գաճաճ ծառերը կորել էին մթության մեջ, իսկ շրջակայքի զառիթափերը դարձել էին բոսորագույն։ Երբ տեսիլքը հայտնվեց, նրանք, որ քաջատեղյակ էին լեռնային լեգենդներին, անմիջապես գլխի ընկան, որ իրենց տեսածը դրախտն է։ Երկուսն էլ անշնչացած փռվեցին գետնին։ Երբ նորից սիրտ արեցին նայել, դաշտավայրը մի առ ժամանակ մթության մեջ էր, հետո կամաց – կամաց լուսավորվեց ու դարձավ դեղնադարչնագույն։ Այդ տեսնելով հովիվը ոտքի կանգնեց ու ճչալով վազեց դեպի լույսը, մյուսը վախեցավ հետևել նրան։ Նա կանգնել էր զարմանքից քար կտրած, ահաբեկված ու դիտում էր դեպի կրակը վազող իր ուղեկցին։ Հազիվ էր հովիվը տեղից շարժվել, երբ լսվեց պայթյունի ձայն ու դեպի դաշտավայրը շտապող աներևույթ թևերի թափահարում։

Սոսկալի ահն ու սարսափը տարածվեց օդում։ Տեսնելով այս ամենը, իմ հերոսը շրջվեց` հույս ունենալով փախչել։ Նա նորից վազեց զառիթափն ի վեր։ Լսելով հետևից եկող թևերի թափահարումը, սայթաքեց, ընկավ գաճաճ թփերից մեկի մոտ։ Այստեղ մի հասած պտուղ ընկավ նրա ձեռքը։ Հենց այս խնձորը։ Ձայներն անմիջապես շրջապատեցին նրան։ Նա ընկավ ուշակորույս։ Երբ ուշքի եկավ, պառկած էր իր ավերված գյուղում։

Մենք այցելեցինք վիրավորվածին։ Տեսի՞լք։ Բայց պտուղը դեռ նրա ձեռքին էր։ Կային մարդիկ, որոնք լսել էին այդ լեգենդը, և գիտեին, թե ինչ պտուղ է։

Նա կանգ առավ։

― Ահա հենց այս պտուղն է, ― ասաց նա։

Դա ամենևին էլ Սասեքս մեկնող գնացքի երրորդ կարգի վագոնում պատմելու բան չէր։ Այստեղ իրականը կարծես սոսկ վարագույր էր անիրականի համար, և ահա անիրականը երևան էր գալիս։

― Այդ պտո՞ւղն է, ― հազիվ արտաբերեց Հինչքլիֆը։

― Լեգենդը պատմում է, ― ասաց անծանոթը, ― որ պարտեզի շրջակայքում եղած գաճաճ ծառերի մացառուտներն աճել են Ադամի ձեռքի խնձորից։ Տեսնելով կծած խնձորը, Ադամը հասկացել էր իր արածի ամբողջ լրջությունը և բարկացած մի կողմ նետել այն։ Ահա հենց այդ տեղում էլ աճել են դրանք, այդ ամայի դաշտավայրում` շրջապատված հավերժական ձյունով։ Իսկ հրեղեն սրերը Ահեղ Դատաստանի պահապաններն են։

― Բայց ես կարծում էի, թե այդ ամենը հեքիաթ է եղել, ավելի ճիշտ` զրույց։ Ուզում եք ասել, որ Հայաստանում…

Անծանոթն անավարտ հարցին պատասխանելու փոխարեն կրկին պարզեց խնձորը։

― Բայց դուք հաստատ չեք կարող ասել, թե դա իմացության ծառի պտուղն է։ Հնարավոր է, որ այդ մարդը երևակայական տեսիլք է տեսել, ենթադրենք…

― Հապա նայեցե՛ք սրան, ― ասաց անծանոթը։

Այն մի տարօրինակ գունդ էր, ոչ թե իսկական խնձոր։ Հինչքլիֆի աչքին զարնեց անսովոր կերպով փայլփլող ոսկեգույնը։ Փայլն այնքան ուժեղ էր, որ թվում էր, թե լույսը գնդի մեջ է մտել։ Երբ նա նայեց խնձորին, ավելի հստակ պատկերացրեց լեռների մեջ գտնվող ամայի դաշտավայրը, պահապան հրեղեն սրերը, հասկացավ ամբողջ զրույցի իմաստը, այդ պատմության այն տարօրինակ կողմերը, որոնք հնուց են գալիս։ Նա ձեռքով տրորեց աչքերը։

― Բայց, ― ասաց նա…

― Երեք ամիս է, նույնիսկ մի փոքր ավելի, ինչ այս պտուղն ինձ մոտ է, բայց այն դարձյալ ողորկ է ու լիքը։ Ոչ չորանում է, ոչ թառամում, ոչ էլ փչանում։

― Եվ դուք ինքներդ հավատում եք, որ այն իսկապես…

― Արգելված պտուղն է, ― շարունակեց անծանոթը։

Ոչ մի կերպ հնարավոր չէր կասկածել նրա անկեղծությանն ու ողջախոհությանը։

― Իմացության պտուղը, ― շարունակեց նա։

― Ենթադրենք, թե դա իրոք իմացության պտուղն է, ― ասաց Հինչքլիֆը մի փոքր լռելուց հետո. Նա շարունակում էր նայել խնձորին։ ― Բայց վերջիվերջո սա այն իմացությունը չէ, որին ես եմ ձգտում։ Ուզում եմ ասել, որ Ադամն ու Եվան արդեն այն կերել են։

― Մենք ժառանգել ենք նրանց մեղքերը, ոչ թե իմաստնությունը, ― ասաց անծանոթը։ ― Այս խնձորը կրկին ամեն ինչ հստակ ու պարզ կդարձնի։ Մենք պետք է փորձենք հասկանալ ամեն ինչի էությունը, պետք է փորձենք ըմբռնել ամեն ինչի ամենախոր իմաստը։

― Այդ դեպքում ինչո՞ւ ինքներդ չեք ուտում այն, ― ասաց Հինչքլիֆը ոգևորված։

― Ես վերցրի այն ուտելու համար։ Բայց ես իմ կյանքն արդեն ապրել եմ, պարզապես, այն ուտելը հազիվ թե…

―Իմաստնությունն ուժ է, ― ասաց Հինչքլիֆը։

―Բայց մի՞թե այն երջանկություն է, ես ձեզնից մեծ եմ, ձեր երկու տարիքն ունեմ, գուցե մի բան էլ ավելի։ Քանի անգամ ձեռքս առա այն, բայց ամեն ինչ իմանալու մտքից քաջությունս կորցրեցի։ Այդ սարսափելի պարզությունը… Եվ հանկարծ ամբողջ աշխարհը դառնում է անգթորեն պարզ ու հասկանալի։

― Կարծում եմ, որ այդ ընդհանուր առմամբ մեծ առավելություն կլիներ։

―Ենթադրենք դուք իմացաք, թե ի՞նչ են զգում ու մտածում ուրիշները ձեր մասին, թափանցեցիք այն մարդկանց սրտի խորքերը, որոնց դուք սիրում եք, գնահատում նրանց սերը։

― Այդ դեպքում անմիջապես կճանաչեք ստախոս ու անազնիվ մարդկանց, ― ասաց Հինչքլիֆը` խորապես ցնցված այդ մտքից։ ― Իսկ ինքդ քեզ ճանաչելն ավելի վատ է, ինքդ քեզ` առանց ամենաներքին պատրանքների։ Ինքդ քեզ ուրիշի աչքով ընկալելը։ Այն բոլոր ցանկություններն ու տենչանքները, որոնք առաջնորդում են քո արարքներին։ Այս ամենն, ըստ իս, այնքան էլ լավ հեռանկար չէ։

― Ինքդ քեզ ճանաչելը հիանալի բան է։

― Դուք երիտասարդ եք, ― ասաց անծանոթը։

― Եթե չեք ուզում խնձորն ուտել, և այն ձեզ անհանգստություն է պատճառում, ինչո՞ւ մի կողմ չեք նետում։

― Տեսնո՞ւմ եք, դարձյալ ինձ չհասկացաք։ Ինչպե՞ս կարելի է նման սքանչելիքը դեն նետել։ Ձեռք բերելուց հետո դժվար է դրանից բաժանվելը։ Մյուս կողմից, անհրաժեշտ է այն նվիրել այնպիսի մեկին, որը գիտության ծարավի է և չի սարսափում պայծառատես լինելուց։

― Իսկ գուցե այդ պտուղը թունավոր է, ― ասաց Հինչքլիֆը։ Հետո վագոնի պատուհանից դուրս նայելիս նրա հայացքն ընկավ մի անշարժ բանի. Ճերմակ տախտակի վրա սև տառերով գրված էր «…Մ Հ ՈՒ Դ»։ Նա նյարդայնացած վեր թռավ տեղից։

― Օ, արդեն հասանք Հոլմհուդ։

Եվ ներկան ջնջեց բոլոր այն խորհրդավոր մտքերը, որոնք պաշարել էին նրան։ Հաջորդ րոպեին Հինչքլիֆն արդեն ճամպրուկը ձեռքին բացում էր վագոնի դուռը։ Հսկիչը թափահարում էր կանաչ դրոշակը։

― Խնդրեմ, լսեց նա իր հետևում ու տեսավ անծանոթ մուգ, փայլուն աչքերն ու վագոնի բաց դռնից իրեն պարզված ոսկյա պտուղը։

― Ոչ, ոչ, ― բղավեց անծանոթն ու ձեռքը պարզեց կրկին այն ետ վերցնելու համար։

― Մի կողմ քաշվեք, ― գոռաց գյուղական ուղեկցորդն ու առաջ նետվեց դուռը փակելու։

Անծանոթն ինչ֊որ բան գոռաց, գլուխն ու թևերը դուրս հանեց պատուհանից։

Բայց հետո կամուրջը Հինչքլիֆի տեսադաշտը փակեց։

Նա կանգնել էր ապշած, հրաշք պտուղը ձեռքի մեջ ու նայում էր, թե ինչպես էր վերջին վագոնը ծածկվում ոլորանի ետևում։ Մի ակնթարթ կանգնել էր շփոթված, հետո զգաց, որ կառամատույցին կանգնածներից ոմանք հետաքրքրությամբ իրեն են նայում. Արդյոք սա իրենց դպրոցի նոր ուսուցի՞չը չէ։ Իր առաջին ելույթն է, ինչ է։ Նրանք հիմա իր ձեռքինը նարինջ կկարծեն։ Նա կարմրեց այդ մտքից և խնձորը գրպանը դրեց։ Հիմա էլ գրպանն ուռավ։ Ուրիշ ելք չկար, ու նա շարժվեց նրանց կողմը` անհաջող փորձ անելով թաքցնել իր անճարակությունը։ Նրան պետք էր իմանալ դպրոց տանող ճամփան և մեկ էլ ` թե ինչպես կարելի է տանել իր ճամպրուկներն ու սնդուկները, որոնք տախտակամածի վրա էին։ Ինչ հեքիաթներ ասես, որ նրան չպատմեցին. Ուղեբեռը կարելի է տանել բեռնակառքով, արժեքը` վեց պենս, ինքը կարող է հետևից ոտքով գնալ։ Նրանց ձայների մեջ կարծես թե հեգնանք կար։ Եվ նա դառնորեն հասկացավ գործի էությունը։ Գնացքում հանդիպած անծանոթի տարօրինակ անկեղծությունն ու պատմածի արտաքին փայլը միառժամանակ շեղեցին Հինչքլիֆի մտքերի հոսքը։ Նրա առաջիկա ծրագրերը մի տեսակ աղոտ տեսք ստացան։ Ինչ կրքեր ասես, որ չբորբոքվեցին ու մարեցին։ Սակայն մտահոգությունը նոր պաշտոնի համար և այն տպավորությունը, որ նա պետք է թողներ Հոլմհուդի և իր աշխատակիցների վրա, ավելի քան խառնեցին նրա մտքերը։

Խնձորը տհաճորեն ուռեցրել էր նրա սև պիջակի գրպանը, որի կարերն անգամ չէին երևում։ Նա անցավ սևազգեստ մի տարեց կնոջ կողքով ու զգաց, որ վերջինս նայում է իր ուռած գրպանին։ Հինչքլիֆը միայն մի ձեռնոց էր դրել, իսկ երկրորդը ձեռնափայտի հետ պահել էր մյուս ձեռքում, այնպես որ խնձորը ձեռքին բռնելը բացառվում էր։ Մի տեղ, երբ ճանապարհը բավականին մեկուսացած էր քաղաքից, նա հանեց խնձորն ու փորձեց տեղավորել գլխարկի մեջ։ Խնձորը շատ մեծ էր, և գլխարկը ծիծաղելիորեն տարուբերվում էր։ Եվ երբ նա փորձեց այն դուրս հանել գլխարկից, հանկարծ անկյունում հայտնվեց մսագործի աշակերտը։

― Գրողը տանի, ― ասաց Հինչքլիֆը։

Նա ցանկանում էր ուտել խնձորն ու անմիջապես իմաստնանալ, բայց փողոցում այդ անելն անխոհեմություն կլիներ։ Եթե աշակերտներից որևէ մեկը տեսնի իրեն այդ պահին, անկասկած խիստ նկատողություն կստանա նման վարքի համար։ Խնձորը շատ հյութալի էր երևում։ Նրա հյութը կարող էր թափվել դեմքի, շապիկի, թևքերի վրա։ Կամ էլ, թերևս կիտրոնահյութի պես թթու էր, որից հագուստները կարող էին գունաթափվել։ Հանկարծ արահետի ոլորանին հայտնվեցին արևով ողողված երկու աղջկական կերպարանք։ Նրանք զրուցելով դանդաղ քայլում էին դեպի քաղաք և ամեն վայրկյան կարող էին իրենց շուրջը նայել ու տեսնել մի կարմրատակած երիտասարդի, որի ձեռքին ֆոսֆորափայլ, դենավուն լոլիկ կար։

― Գնա գրողի ծոցը, ― ասաց նա ու մի թեթև շարժումով քարե պատի վրայով խնձորը շպրտեց ճանապարհին կից մի պարտեզ։ Երբ արդեն այն չկար, Հինչքլիֆը մի պահ միայն կորստի թեթև ցավ զգաց։ Նա ձեռքին հարմարեցրեց ձեռնափայտն ու ձեռնոցը և, դեռ չհասած աղջիկներին, շարունակեց քայլել ուղիղ, ամոթխած ու այլայլված։ Սակայն գիշերը Հինչքլիֆը երազում տեսավ դաշտավայրը, հրեղեն սրերը, գաճաճ ծառերն ու հասկացավ, որ սխալ է վարվել, քաի որ խնձորն իրոք իմացության ծառի պտուղն էր։ Նա արթնացավ ծանր զգացողությամբ։ Առավոտյան նրա ափսոսանքն անցավ, բայց հետո նորից վերապրեց այդ զգացումը, այս անգամ այն սկսեց տանջել նրան։ Վերջապես մի լուսնկա գիշեր, ժամը տասնմեկին մոտ, երբ ամբողջ Հոլմհուդն արդեն քնած էր, Հինչքլիֆի ափսոսանքի զգացումն այս անգամ նրան մղեց արկածախնդրության։

Նա աննկատ դուրս եկավ տնից, խաղահրապարակի պատի վրայով, քաղաքի միջով գնաց Լեյն կայարանը և մագլցեց այն պարտեզը, որտեղ նետել էր խնձորը։ Բայց, ավաղ, ոչինչ չգտավ ցողոտ կանաչի ու կաթնուկների հազիվ նշմարելի գլխիկների մեջ։