Կայարանը, որն իր տեղում չէր մնում

Գրապահարան-ից
Կայարանը, որն իր տեղում չէր մնում

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ
թարգմանիչ՝ Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոռացված ծննդյան օրը»

Սեմյուել անունով մի թագավոր կար։ Երբ նստած էր գահին, նրա մտքով անցավ, որ հիանալի բան կլիներ, եթե գնացքով իր տատիկին այցելության գնար։ Հրաժեշտ տալով թագուհուն, նա ճամփա ընկավ։

Հասավ մինչեւ Վաթերլոո կայարանը, շարժվող սանդուղքներով բարձրացավ կառամատույց եւ հանկարծ լսեց, թե ինչպես է կայարանը յուրովի խոսում։

— Գնամ մի բաժակ թեյ խմեմ։

Ու հենց որ Սեմյուել թագավորը ուզեց քայլ անել դեպի կառամատույց, կայարանից հետք անգամ չմնաց։

— Ա՜յ քեզ ձախորդություն,— ասաց թագավորը։— Եթե հանկարծ գնացքից ուշանամ, տատիկը շատ կբարկանա։— Հետո բղավեց կայարանի վրա։— Անմիջապես ետ դարձիր։

Բայց կայարանի մտքով անգամ չէր անցնում վերադառնալ։

— Թեյս խմեմ՝ կգամ,— պատասխանեց նա։

Թեյը խմելուց հետո կայարանը վերադարձավ, եւ Սեմյուել թագավորը նստեց գնացք։ Վերջապես, գնացքն էլ շարժվեց։

Թիկ֊թիկ֊թիկ, թիկ֊թիկ֊թիկ…

Քիչ անց նրանք ճամփեզրին արածող մի կով տեսան։ Գնացքը կանգ առավ։

— Մենք ճի՞շտ ենք գնում դեպի տատիկի տուն,— հարցրեց մեքենավարը։

— Ճիշտ եք գնում,— պատասխանեց կովը։— Թույլ կտա՞ք ես էլ միանամ ձեզ։

— Իհարկե,— ասաց մեքենավարը։— Շուտ բարձրացիր, գնանք։

Սելլին (այսպես էր կովի անունը) բարձրացավ բաց վագոն ու նրանք շարունակեցին ճանապարհը։ Երբ մի քիչ էլ գնացին, տեսան, որ Վաթերլոո կայարանը շնչակտուր վազում է իրենց ետեւից։

— Թույլ կտա՞ք, որ ես էլ միանամ ձեզ,— գոչեց կայարանը։

— Խնդրեմ,— պատասխանեց Սեմյուել թագավորը։

Բոլորը միասին շարունակեցին ճանապարհը եւ շուտով հասան տատիկի տուն։

Տատիկը շատ զարմացավ այդքան մեծ խումբը տեսնելով։ Կատակ հո չէ՞ր… Եկել էին շոգեքարշի մեքենավարը, Սելլին, Սեմյուել թագավորը, ու վերջապես, անձամբ ինքը՝ Վաթերլոո կայարանը։

Բայց տատիկը սիրով ընդունեց հյուրերին եւ բոլորին հյուրասիրեց թեյով։ Թեյը խմելուց հետո Սեմյուել թագավորն ասաց․

— Ժամանակն է, որ վերադառնանք։ Ժամը հինգին լինելու եմ Վաթերլոո կայարանում։

— Բայց Վաթերլոո կայարանն այստեղ է,— ասաց տատիկը։— Ո՞ւր ես շտապում։

— Իսկապես,— ուրախացավ թագավորը։— Ուրեմն, կարելի է չշտապել։ Մի֊մի բաժակ թեյ էլ խմենք։

Տատիկը նորից թեյ տվեց, իսկ հետո մինչեւ ժամը հինգը նրանք հանգիստ խաղացին։ Հետո էլ հրաժեշտ տվեցին տատիկին ու անմիջապես հայտնվեցին Վաթերլոո կայարանում։ Որտեղից մեկնել էին, այնտեղ էլ ժամանեցին։ Իհարկե, բացի Սելլիից, որովհետեւ տուն հասնելու համար նա պետք է նստեր գնացք։

— ՈՒրախ եմ ձեզ հետ ծանոթանալուս,— ասաց թագավորը Վաթերլոո կայարանին, երբ հրաժեշտ էին տալիս իրար։— Ցտեսություն։ Թագուհին սպասում է ինձ։ Անպայման հյուր եկեք, սիրով կընդունենք։