Կարամազով եղբայրներ։ Գիրք հինգերորդ

Գրապահարան-ից

Կարամազով եղբայրներ
◀ Կարամազով եղբայրներ։ Գիրք չորրորդ Կարամազով եղբայրներ։ Գիրք վեցերորդ ▶


Գիրք հինգերորդ։ Pro և contra

I։ Խոսքկապ

Տիկին Խոխլակովան նորից առաջինն էր, որ դիմավորեց Ալյոշային։ Աճապարում էր նա. կարևոր բան էր պատահել՝ Կատերինա Իվանովնայի հիստերիկան վերջացել էր ուշագնացությամբ, հետո «մի ահավոր, սարսափելի թուլություն եկավ վրան, պառկեց, աչքերը փակեց և սկսեց զառանցել։ Հիմա ջերմություն ունի, մարդ ուղարկեցինք Հերցենշտուբեին կանչելու, մորաքույրերին կանչելու։ Մորաքույրերն այստեղ են արդեն, իսկ Հերցենշտուբեն դեռ չեկավ։ Բոլորը նստել են նրա սենյակում և սպասում են։ Ի՞նչ է լինելու, գիտակցությունը կորցրել է։ Իսկ եթե հանկարծ տենդա՞խտ լինի»։

Տիկին Խոխլակովան լրջորեն վախեցած տեսք ուներ, երբ բացականչում էր այդ բոլորը։ «Սա արդեն լո՜ւրջ է, լո՜ւրջ»,— ավելացնոլմ էր նա ամեն մի բառից հետո, կարծես դրանից առաջ պատահած բաներից ոչ մեկը լուրջ չէր եղել։ Ալյոշան կսկիծով լսեց նրան։ Հենց սկսում էր պատմել նաև իր գլխին եկածները, բայց տիկինն առաջին իսկ բառերից ընդհատեց, լսելու ժամանակ չուներ։ Խնդրեց, որ Ալյոշան նստի Lise-ի մոտ և Lise-ի մոտ էլ սպասի իրեն։

— Lise-ը շատ սիրելի Ալեքսեյ Ֆյոդորովիչ,— շշնջաց նա համարյա Ալյոշայի ականջին,— Lise-ը տարօրինակորեն զարմացրեց ինձ հիմա, բայց և գութս շարժեց, դրա համար էլ սիրտս ամեն ինչ ներում է նրան։ Երևակայեցեք, ձեր գնալուց անմիջապես հետո հանկարծ անկեղծորեն սկսեց զղջալ, որ իբր թե երեկ և այսօր ծիծաղել է ձեզ վրա։ Բայց նա չէր ծիծաղում, չէ՜, կատակ էր անում պարզապես։ Եվ սակայն շատ լրջորեն էր զղջում, համարյա լալու չափ, այնպես որ զարմացա։ Առաջ երբեք լրջորեն չէր զղջում նա, երբ ինձ վրա էր ծիծաղում, այլ միշտ կատակի էր տալիս։ Եվ գիտե՞ք, ամեն րոպե նա ծիծաղում է ինձ վրա։ Իսկ հիմա լուրջ է ահա, հիմա ամեն ինչ լուրջ դարձավ նրա համար։ Չափազանց շատ է գնահատում ձեր կարծիքը։ Ալեքսեյ Ֆյոդորովիչ, և եթե կարող եք՝ մի՛ նեղանաք ու մի՛ դժգոհեք նրանից։ Ես ինքս էլ միշտ ու միշտ խնայում եմ նրան, որովհետև այնքա՜ն խելոք է, կհավատա՞ք։ Քիչ առաջ ասում էր, դուք նրա մանկության ընկերն եք, «իմ մանկության ամենալուրջ ընկերը», պատկերացրե՜ք դուք, ամենալո՜ւրջ ընկերը, հապա ե՞ս, ե՞ս։ Այդ իր մանկության նկատմամբ չափազանց լուրջ զգացումներ ունի, նույնիսկ հիշատակներ, և մանավանդ այդ խոսքե՜րն ու բառերը, այդ բոլորովին անսպասելի բառե՜րը, այնպես որ բնավ չես սպասում, բայց մեկ էլ տեսար՝ հանկարծ բառը դուրս թռավ։ Ա՛յ վերջերս, օրինակ, եղևնու մասին. նրա վաղ մանկությանը մեր այգում մի եղևնի կար, գուցե հիմա դեռ կա, այնպես որ միտք չունի անցյալ ժամանակով խոսելը։ Եղևնիները մարդիկ չեն, երկար ժամանակ անփոփոխ են մնում, Ալեքսեյ Ֆյոդորովիչ։ «Մամա,— ասում է,— հիշում եմ այդ եղևնին, ասես երազում եղև լինի», այսինքն թե՝ «եղևնի, եղև լինի», միայն թե մի ուրիշ տեսակ ասաց, որովհետև խառնափնթոր բան է ստացվում, «եղև լինի»֊ն անիմաստ խոսք է։ Բայց այդ առթիվ այնքա՜ն ինքնատիպ մի բան ասաց, որ ես ուղղակի չեմ կարող նույնությամբ վերարտադրել։ Եվ մոռացա էլ նույնիսկ։ Դե ցտեսություն, ես շատ, շա՜տ ցնցված եմ ու խելագարվում եմ երևի։ Ա՜խ, Ալեքսեյ Ֆյոդորովիչ, կյանքումս երկու անգամ խելագարվում էի, և ինձ բուժեցին։ Գնացեք Lise-ի մոտ։ Սիրտ տվեք նրան, ինչպես դուք միշտ կարողանում եք անել հրաշալիորեն։ Lise,— գոչեց նա, մոտենալով աղջկա դռանը,— ահա քեզ մոտ բերեցի Ալեքսեյ Ֆյոդորովիչին, որին այնպես վիրավորել ես դու, բայց նա բոլորովին չի բարկանում. հավատացնում եմ քեզ, ընդհակառակը, զարմանում է, որ դու ինչպե՛ս կարող էիր այդ բանը մտածել։

— Merci, maman, մտե՛ք, Ալեքսեյ Ֆյոդորովիչ։

Ալյոշան մտավ։ Lise-ը մի տեսակ շփոթված էր նայում և հանկարծ կաս֊կարմիր կտրեց։ Երևի ամաչում էր մի բանից, և, ինչպես միշտ լինում է նման դեպքերում, սկսեց արագ-արագ խոսել բոլորովին կողմնակի նյութի շուրջ, կարծես այդ կողմնակի նյութն էր միայն հետաքրքրում նրան այդ րոպեին։

— Մաման հենց նոր պատմեց ինձ այդ երկու հարյուր ռուբլու ամբողջ պատմությունը, Ալեքսեյ Ֆյոդորովիչ, և ձեզ տրված հանձնարարությունը... այդ խեղճ սպային... պատմեց ամբողջ այդ սոսկալի դեպքը, թե ինչպես են անարգել նրան, և գիտե՞ք, մաման թեև շատ խառնափնթոր է պատմում... անընդհատ մի բանից թռնում է մյուսին... բայց ես լսում էի և լաց լինում։ Հետո ի՞նչ եղավ, ինչպե՞ս, տվեցի՞ք այդ փողը, և ի՞նչ է անում հիմա այդ դժբախտը...

— Հենց խնդիրն էլ այն է, որ չտվեցի, և դա երկար պատմություն է,— պատասխանեց Ալյոշան, կարծես ինքն էլ ամենից ավելի մտահոգված էր հենց այն հարցով, թե չի տվել փողը, այնինչ Lise-ը շատ լավ նկատեց, որ նա՛ ևս ուրիշ կողմ է նայում և երևի նույնպես աշխատում է կողմնակի նյութից խոսել։ Ալյոշան նստեց սեղանի մոտ և սկսեց պատմել, բայց առաջին իսկ խոսքերից բոլորովին անցավ նրա շփոթությունը, և նա Lise-ին էլ գրավեց իր պատմածով։ Խոսում էր ուժեղ զգացման ու իր կրած արտակարգ տպավորության ազդեցությամբ, և կարողացավ հանգամանալից ու լավ պատմել։ Առաջ էլ, դեռ Մոսկվայում, Lise֊ի մանկության օրերին, Ալյոշան սիրում էր գալ նրա մոտ և պատմել՝ մերթ նոր պատահած մի դեպք, մերթ այն, ինչ կարդացել էր, ու մերթ իր հուշերը մանկության տարիներից։ Երբեմն նույնիսկ երազում էին միասին և ամբողջ վեպեր էին հորինում երկուսով, բայց մեծ մասամբ զվարթ ու ծիծաղաշարժ բաներ։ Հիմա երկուսն էլ հանկարծ իրենց զգացին մոսկովյան անցած օրերում, երկու տարի առաջ։ Lise-ը չափազանց հուզվել էր նրա պատմածից։ Ալյոշան կարողացավ ջերմ զգացումով պատկերել «Իլյուշկայի» կերպարը։ Իսկ երբ նա ամենայն մանրամասնությամբ նկարագրեց այն տեսարանը, թե ինչպես դժբախտ մարդը փողերն էր կոխկրտում, Lise-ը ձեռքերը զարկեց իրար և բացականչեց, չկարողանալով զսպել իր զգացումը.

— Ուրեմն չտվեցի՜ք փողը, ուրեմն այնպես էլ թողեցիք, որ նա փախչի։ Աստվա՜ծ իմ, գոնե ինքներդ վազեիք ետևից ու հասնեիք նրան...

— Ոչ, Lise, ավելի լավ, որ չվազեցի,— ասաց Ալյոշան, վերկացավ աթոռից ու մտահոգ քայլեց սենյակում։

— Ինչպե՞ս թե ավելի լավ, ինչո՞վ է ավելի լավ։ Հիմա նրանք առանց հացի մնացին և կկորչե՜ն։

— Չեն կորչի, որովհետև այս երկու հարյուր ռուբլին այնուամենայնիվ կհասնի նրանց ձեռքը։ Ինչպես էլ լինի, վաղը կվերցնի այս փողը։ Հենց վաղը կվերցնի անկասկած,— ասաց Ալյոշան, մտախոհ քայլելով։— Գիտե՞ք Lise,— շարունակեց նա, հանկարծ կանգ առնելով աղջկա առաջ,— ինքս մի սխալ բան արեցի, բայց այդ սխալն անգամ ավելի լավ արդյունքի կհասցնի։

— Ի՞նչ սխալ և ինչո՞ւ ավելի լավ արդյունքի։

— Ասեմ, թե ինչու։ Այդ մարդը երկչոտ ու թույլ է իր բնավորությամբ։ Այնքա՜ն տանջված և շատ բարի։ Ահա շարունակ մտածում եմ հիմա՝ ինչու նա հանկարծ վիրավորվեց այդպես և կոխկրտեց փողը. հավատացնում եմ ձեզ, մինչև ամենավերջին վայրկյանը չգիտեր, որ կոխկրտելու է։ Եվ հիմա ինձ թվում է, որ շատ բաներից վիրավորվեց... և ուրիշ կերպ չէր էլ կարող լինել նրա վիճակում... Նախ և առաջ, վիրավորված զգաց այն բանից, որ իմ ներկայությամբ չափազանց ուրախացավ փողի համար և չթաքցրեց ինձնից այդ ուրախությունը։ Եթե այնքան շատ չուրախանար, ցույց չտար իր զգացածը, եթե փողն առնելու ժամանակ ձևեր թափեր ուրիշների նման, կոտրատվեր, դե այդ դեպքում կարող էր դեռ հանդուրժել ու վերցնել փողը, բայց նա շատ անկեղծորեն ուրախացավ, և հենց դա էլ խոցեց նրա սիրտը։ Ա՜խ, Lise, նա ճշմարտասեր ու բարի մարդ է, և ահա ա՛յդ է ամբողջ ցավն այսպիսի դեպքերում։ Խոսած ժամանակ ձայնը միշտ էլ այնքա՜ն թույլ էր, բեկբեկուն, և այնպես արագ-արագ էր խոսում, անընդհատ քրքջում էր մի տեսակ՝ այնպիսի մի խնդուքով, և կամ լա՞ց էր լինում արդյոք... իսկապես, լաց էր լինում, այնքա՜ն մեծ էր իր ցնծությունը... իր աղջիկների մասին խոսեց... և այն պաշտոնի մասին, որ նրան տալու են մի ուրիշ քաղաքում... Եվ հազիվ էր սիրտը բացել, մեկ էլ հանկարծ ամոթ զգաց, որ այդպես ցույց տվեց ինձ իր ամբողջ հոգին։ Ա՜յ հենց նույն րոպեին էլ ատեց ինձ։ Նա այն չքավորներից է, որոնք սոսկալի ամոթխած են լինում։ Եվ ամենից ավելի նրան խոցողը այն էր, որ չափազանց շուտ ինձ իր բարեկամը նկատեց և շուտով անձնատուր եղավ. սկզբում կոտոշներն էր ցույց տալիս, վախեցնում էր, և ահա հանկարծ, հենց որ փողը տեսավ, սկսեց գրկել ինձ։ Այո, գրկում էր իսկապես, անընդհատ դիպչում ձեռքերով։ Ա՜յ հենց այդ ձևով է, որ նա պետք է զգացած լինի ամբողջ իր նվաստացումը, և մեկ էլ ահա՛ այդ սխալն արեցի ես, շատ կարևոր մի սխալ. ելա հանկարծ ասացի, որ եթե փողը չհերիքի ուրիշ քաղաք տեղափոխվելու համար, դեռ ավելին էլ կտան, և նույնիսկ ես ինքս կտամ իմ փողերից՝ որքան որ ուզե։ Ահա ա՛յս էր, որ հանկարծ ցնցեց նրան. այսինքն թե՝ ինչո՞ւ ե՛ս էլ մեջ ընկա օգնելու իրեն։ Գիտե՞ք, Lise, վիրավորված մարդու համար որքա՜ն ծանր է, սոսկալի ծանր, երբ բոլորն սկսում են բարերարի աչքով նայել նրան... ես լսել եմ այդ մասին, իմ սրբահայրն է ասել ինձ։ Չգիտեմ ինչպես արտահայտեմ, բայց հաճախ ինքս էլ տեսել եմ այդ բանը։ Եվ ինքս էլ, այո, ինքս էլ ճիշտ այդպես եմ զգում։ Իսկ գլխավորն այն է, որ նա, ճիշտ է, մինչև ամենավերջին վայրկյանը չգիտեր, թե կոխկրտելու է բանկտոմսերը, բայց այնուամենայնիվ նախազգում էր այդ, անպայման, վստահ եմ։ Նրա ցնծությունն էլ այնքան ուժեղ էր հենց այն պատճառով, որ նախազգում էր այդ բանը... Եվ ահա, թեև շատ վատ է այս ամբողջը, բայց համենայն դեպս ավելի լավ արդյունքի կհասցնի։ Նույնիսկ այնպես եմ կարծում, որ շատ-շատ լավ կլինի արդյունքը, ավելի լավ բան չէր էլ կարող լինել...

— Ինչո՞ւ, ինչո՞ւ ավելի լավ բան չէր էլ կարող լինել— գոչեց Lise-ը, խիստ զարմացած նայելով Ալյոշային։

— Որովհետև, Lise, եթե նա չկոխկրտեր, այլ առներ այդ փողը, տուն գալուց հետո մի ժամ չանցած լաց կլիներ իր նվաստացման համար։ Հենց այդպես էլ կպատահեր անպայման։ Լաց կլիներ և, հավանական է, վաղն առավոտյան, հազիվ լույսը բացված, գար մոտս, գուցե բանկտոմսերը նետեր իմ առաջ և կոխկրտեր ինչպես արեց այսօր։ Իսկ հիմա գնաց սոսկալի հպարտ ու հաղթական, թեև գիտե, որ «կործանեց իրեն»։ Ուրեմն հիմա ամենից հեշտ բանն է նրան ստիպել, որ վաղն ևեթ ընդունի այս երկու հարյուր ռուբլին, որովհետև արդեն հաստատեց իր պատիվը, շպրտեց փողերն ու կոխկրտեց... Հո չէր կարող կոխկրտելու ժամանակ իմանալ, որ վաղը նորից այդ փողը բերելու եմ նրան։ Ու չէ՞ որ նա սոսկալի կարիք ունի այդ փողին։ Թեև հիմա հպարտ է զգում իրեն, բայց այնուամենայնիվ այսօր իսկ պիտի մտածի, թե ինչպիսի՜ օգնությունից զրկվեց։ Գիշերը ավելի տենդագին պիտի մտածի, պիտի երազում տեսնի, և վաղը առավոտ գուցե պատրաստ լինի վազելու մոտս և ներողություն խնդրելու։ Եվ ես էլ ահա հենց այդ պահին կհայտնվեմ ու կասեմ. «Դուք հպարտ մարդ եք, այո, հաստատեցիք այդ, դե հիմա ուրեմն վերցրեք ահա և ներեցեք մեզ»։ Ա՛յ հենց այդ ժամանակ կվերցնի։

Ալյոշան մի տեսակ արբեցությամբ ասաց վերջին խոսքը՝ «Ա՛յ հենց այդ ժամանակ կվերցնի»։ Lise-ը ծափ տվեց։

— Ա՜խ, ճիշտ է դա, ա՜խ, սոսկալի՜ հասկացա հանկարծ։ Ա՜խ, Ալյոշա, ինչպե՞ս է, որ դուք գիտեք այդ բոլորը։ Այնքա՜ն երիտասարդ, և արդեն գիտե, թե ինչ է կատարվում մարդու հոգում... Իմ մտքով երբեք չէր անցնի այդ բանը...

— Գլխավորը հիմա նրան համոզելն է, որ նա մեզ բոլորիս հետ հավասար գետնի վրա է կանգնած, հակառակ որ մեզնից փող է առնում,— շարունակեց Ալյոշան նույն արբեցությամբ,— և ոչ միայն հավասար, այլ նույնիսկ ավելի բարձր գետնի վրա։

— «Ավելի բարձր գետնի վրա»-ն հիանալի՜ էր, Ալեքսեյ Ֆյոդորովիչ, բայց խոսեցեք, խոսեցե՛ք։

— Այսինքն ճիշտ չէ՞ր այդ դարձվածքը... «բարձր գետնի վրա»... բայց վնաս չունի, որովհետև...

— Ա՜հ, վնաս չունի, վնաս չունի, անշո՜ւշտ։ Ներեցեք, Ալյոշա, սիրելիս... Գիտե՞ք, ես մինչև հիմա գրեթե չէի հարգում ձեզ... այսինքն հարգում էի, բայց հավասար գետնի վրա, իսկ հիմա պիտի ավելի բարձր գետնի վրա հարգեմ... Մի՛ բարկանաք, սիրելիս, որ ես «սրամտում եմ»,— իսկույն վրա բերեց նա ուժեղ զգացմունքով։— Ես ծիծաղելի եմ ու փոքր, իսկ դուք, դուք... Լսեցեք, Ալեքսեյ Ֆյոդորովիչ, արդյոք մեր այս ամբողջ դատողության մեջ, այսինքն ձե՛ր... դե ոչ, ավելի լավ է ասենք մե՛ր դատողության մեջ... արհամարհանք չկա՞ նրա հանդեպ, այդ դժբախտ մարդու հանդեպ... երբ հիմա այսպես վերլուծում ենք նրա հոգին, ասես վերևից, հա՞... երբ այնքան վստահորեն վճռեցինք հիմա, որ նա կառնի փողը, հա՞։

— Ոչ։ Lise, ոչ մի արհամարհանք,— հաստատ պատասխանեց Ալյոշան, կարծես արդեն պատրաստ էր այդ հարցին,— ինքս էլ դրա մասին խորհում էի այստեղ գալու ժամանակ։ Մտածեցեք, ի՞նչ արհամարհանք կարող է լինել այստեղ, երբ մենք ինքներս էլ նրա նման ենք, երբ բոլորն էլ նրա նման են։ Որովհետև, այո, մենք էլ նույնն եք, ավելի լավ չենք նրանից։ Եվ եթե նույնիսկ ավելի լավ լինեինք, այնուամենայնիվ մենք էլ նույնը կդառնայինք նրա վիճակում... Չգիտեմ դուք ինչպես, Lise, բայց ես կարծում եմ, որ ինքս շատ հարցերում մանր հոգի ունեմ։ Իսկ նրա հոգին մանր չէ, ընդհակառակը, շատ նրբազգաց է... Ոչ, Lise, այստեղ ոչ մի արհամարհանք չկա նրա հանդեպ։ Գիտե՞ք, Lise, իմ սրբահայրը մի անգամ ասաց, որ շատ հաճախ մարդկանց պետք է հոգ տանել այնպես, ինչպես երեխաներին, իսկ ոմանց էլ ինչպես հիվանդանոցի հիվանդներին...

— Ա՜խ, Ալեքսեյ Ֆյոդորովիչ, ա՜խ, սիրելիս, եկեք մարդկանց մասին հոգանք այնպես, ինչպես հիվանդներին պիտի խնամեինք։

— Լավ, Lise, պատրաստ եմ ես, միայն թե ինքս իմ մեջ լրիվ պատրաստ չեմ։ Երբեմն շատ անհամբեր եմ, երբեմն էլ աչք չունեմ, որ տեսնեմ։ Դուք տարբեր եք։

— Ա՜խ, չեմ հավատում դրան։ Ալեքսեյ Ֆյոդորովիչ, որքա՜ն երջանիկ եմ։

— Ինչ լա՜վ է, որ այդպես եք ասում, Lise։

—Ալեքսեյ Ֆյոդորովյիչ, զարմանալիորեն լավն եք դուք, բայց երբեմն կարծես թե ձևապաշտություն եք անում... այնինչ նայում եմ՝ բնավ էլ ձևապաշտ չեք։ Մոտեցեք դռան, կամացուկ բացեք ու նայեցեք, մաման ականջ չի՞ դնում,— փսփսաց հանկարծ Lise-ը մի տեսակ նյարդային, փութկոտ շշուկով։

Ալյոշան գնաց, մի փոքր բացեց դուռը և հայտնեց, որ ոչ ոք ականջ չի դևում։

— Եկեք այստեղ, Ալեքսեյ Ֆյոդորովիչ,— շարունակեց Lise-ը, ավելի ու ավելի կարմրելով,— տվեք ձեր ձեռքը, ա՛յ այսպես։ Լսեցեք, մի մեծ խոստովանություն պիտի անեմ ձեզ. երեկվա նամակը ոչ թե կատակով գրեցի, այլ լրջորեն...

Եվ նա ձեռքով ծածկեց իր աչքերը։ Երևում էր, որ շատ էր ամաչում այդ խոստովանությունից։ Հանկարծ բռնեց Ալյոշայի ձեռքը և թափով համբուրեց երեք անգամ։

― Ա՜խ, Lise, ինչ հիանալի՜ է,— ուրախ բացականչեց Ալյոշան։— Այո, ես կատարելապես վստահ էի, որ լրջորեն եք գրել։

— Վստա՜հ էր, երևակայեցե՜ք,— հեռացրեց Lise-ն Ալյոշայի ձեռքը, առանց սակայն բաց թողնելու իր ձեռքից, սոսկալի կարմրեց ու ծիծաղեց փոքր, երջանիկ ծիծաղով։— Ես նրա ձեռքն եմ համբուրում, իսկ նա ասում է՝ ինչ հիանալի՜ է»։

Բայց արդարացի չէր նրա հանդիմանությունը. Ալյոշան խիստ շփոթվել էր նույնպես։

— Ես կցանկանայի միշտ դուր դալ ձեզ, Lise, բայց չգիտեմ, թե ինչպես անեմ։— մրմնջաց նա մի կերպ և նույնպես կարմրեց։

— Ալյոշա, սիրելիս, դուք սառն եք ու հանդուգն։ Տեսե՜ք խնդրեմ։ Նա բարեհաճել է ինձ ընտրել որպես իր կինը և դրանով էլ հանգստացել է։ Արդեն վստահ է եղել, որ ես լրջորեն եմ գրել իրեն, տեսեք է՜։ Բայց դա հանդգնություն է ուղղակի, ա՛յ թե ինչ։

— Բայց միթե վա՞տ է, որ վստահ էի,— ծիծաղեց հանկարծ Ալյոշան։

— Ա՜խ, ընդհակառակը, Ալյոշա, սոսկալի լավ է,— քնքշորեն ու երջանկությամբ լի նայեց նրան Lise-ը։ Ալյոշան մնում էր կանգնած, իր ձեռքը դեռ նրա ձեռքի մեջ պահելով։ Հանկարծ նա թեքվեց ու համբուրեց ուղղակի նրա շրթունքները։

— Ա՞յս ինչ բան է։ Ի՞նչ եք անում,— ճչաց Lise-ը։ Ալյոշան բոլորովին կորցրեց իրեն։

— Վա՜յ, ներեցեք, եթե լավ չէր... Գուցե սոսկալի հիմար մի բան... Դուք ասացիք, որ ես սառն եմ, ես էլ համբուրեցի... Բայց տեսնում եմ, որ հիմար բան դուրս եկավ...

Lise-ն սկսեց ծիծաղել ու ձեռքերով ծածկեց երեսը։

— Եվ այդ հագուստո՜վ,— բացականչեց նա իր խայտանքի մեջ, բայց հանկարծ դադարեց ծիծաղելուց և բոլորովին լրջացավ, համարյա խիստ դեմք ընդունեց։

— Դե լավ, Ալյոշա, համբույրները մի կողմ թողնենք, որովհետև երկուսս էլ դեռ ընդունակ չենք այդ բանին, և դեռ շատ երկար ժամանակ պետք է սպասենք,— եզրակացրեց նա հանկարծ։— Ավելի լավ կլինի ասեք, թե ինչո՞ւ եք ընտրում ինձ նման հիմարին, ինձ նման հիվանդ ու անմիտ աղջկան, դուք որ այնքան խելացի եք, այնպե՜ս կարող եք մտածել, այնպե՜ս դիտել։ Ա՜խ, Ալյոշա, սոսկալի երջանիկ եմ, որովհետև բնավ արժանի չեմ ձեզ։

— Արժանի եք, Lise։ Այս օրերս բոլորովին դուրս եմ գալու վանքից։ Երբ վերադառնամ աշխարհիկ կյանքին, պետք է ամուսնանամ, հաստատ գիտեմ։ Նա էլ ինձ այդպես պատվիրեց։ Ձեզնից լավ ո՞ւմ կարող եմ առնել... և ձեզնից բացի ո՞վ կառնի ինձ։ Արդեն մտածել եմ այդ մասին։ Նախ, դուք ինձ մանկությունից գիտեք, և երկրորդ, ձեր մեջ կան շատ-շատ հատկություններ, որոնք ես բոլորովին չունեմ։ Դուք ավելի զվարթ հոգի ունեք, քան ես, և մանավանդ ինձնից ավելի անմեղ եք, իսկ ես արդեն շատ, շա՜տ բաների հետ եմ շփվել... է՜հ, դուք չգիտեք, ե՛ս էլ Կարամազով եմ։ Ի՜նչ փույթ թե դուք ծիծաղում եք ու կատակներ անում և ինձ էլ չեք խնայում։ Ընդհակառակը, ծիծաղեցեք, ես այնքա՜ն ուրախ եմ դրա համար... Բայց դուք ծիծաղում եք փոքրիկ աղջկա նման, իսկ ձեր ներսում մտածում եք որպես տառապյալ...

— Որպես տառապյա՞լ։ Այսինքն ինչպե՞ս։

— Այո, Lise, քիչ առաջվա ձեր հարցը, թե արդյոք մեր մեջ արհամարհանք չկա՞ այդ դժբախտ մարդու հանդեպ, երբ այդպես անդամահատում ենք նրա հոգին, այդ հարցն ահա տառապյալ սիրտը կարող է տալ... Հասկանո՞ւմ եք, ոչ մի կերպ չեմ կարողանում արտահայտել միտքս, բայց ո՛ւմ որ այդպիսի հարցեր են հաճախում՝ ինքն է ընդունակ տառապելու։ Այս բազկաթոռում նստած, դուք հիմա էլ արդեն շատ բաների մասին մտածած կլինեք...

— Ալյոշա, տվեք ձեր ձեռքը, ինչո՞ւ եք ետ քաշում,— ասաց Lise-ը, երջանկությունից թուլացած ու մի տեսակ նվաղուն ձայնով։— Լսեցեք, Ալյոշա, ի՞նչ եք հագնելու, երբ վանքից դուրս գաք, ինչպիսի՞ զգեստ։ Մի՛ ծիծաղեք, մի՛ բարկանաք, դա շատ, շա՜տ կարևոր է ինձ համար։

— Զգեստի մասին դեռ չեմ մտածել, Lise, բայց ինչ որ ուզում եք, այն էլ կհագնեմ։

— Ուզում եմ, որ մուգ կապույտ թավշյա բաճկոն լինի ձեզ վրա, սպիտակ պիկե բաճկոնակ և մոխրագույն, փափուկ ֆետրե գլխարկ... Ասացեք, քիչ առաջ երբ հրաժարվեցի իմ երեկվա նամակից, հենց ուղղակի հավատացի՞ք, որ ձեզ չեմ սիրում։

— Ոչ, չհավատացի։

— Օ՜, անտանելի՜ մարդ, անուղղա՛ մարդ։

— Այսինքն գիտեի, որ դուք ինձ... կարծես սիրում եք, բայց ձևացրի, որ հավատում եմ ձեզ, թե չեք սիրում, որպեսզի ձեզ ավելի... հարմար լինի...

— Է՛լ ավելի վատ։ Թե՛ ավելի վատ, թե՛ լավից էլ լավ։ Ալյոշա, սոսկալի սիրում եմ ձեզ։ Առավոտյան, ձեր գալուց առաջ, գուշակություն արեցի. մտածեցի՝ ետ ուզեմ երեկվա նամակը, և եթե հանգիստ հանի ու տա (ինչպես որ միշտ էլ կարելի է սպասել ձեզնից), ուրեմն բոլորովին չի սիրում ինձ, ոչինչ չի զգում, պարզապես հիմար ու անարժան մի երեխա է, և ես խորտակված եմ։ Բայց դուք նամակը թողել եք խուցում, և դա ինձ սիրտ տվեց։ Դե ճիշտ ասեք, նախազգում էիք, որ ես նամակը ետ եմ պահանջելու, և հենց դրա համար էլ այնտեղ թողեցիք, որպեսզի չտաք, չէ՞։ Այդպե՞ս է։ Այդպես է, չէ՞։

— Օ՜հ, Lise, բնավ էլ այդպես չէ։ Մոտս է նամակը հիմա, քիչ առաջ էլ մոտս էր, ահա այս գրպանումս։ Տեսե՛ք ահա։

Ալյոշան ծիծաղելով հանեց նամակը և ցույց տվեց հեռվից։

— Միայն թե ձեզ չեմ տա, հեռվից նայեցեք։

— Ի՞նչ։ Ուրեմն սո՞ւտ խոսեցիք առավոտյան։ Վանական եք ու սո՞ւտ խոսեցիք։

— Թեկուզ և սուտ խոսեցի,— ծիծաղեց նաև Ալյոշան։ — Սուտ խոսեցի, որ նամակը ետ չտամ։ Ինձ համար շատ թանկ է այս նամակը,— ավելացրեց նա հանկարծ բուռն զգացմունքով և նորից կարմրեց։— Եվ հավիտյան թանկ է լինելու, ոչ ոքի չեմ տա, երբե՜ք։

Lise-ը հրճվանքով նայում էր նրան։

— Ալյոշա,— սկսեց շշնջալ նորից,— դուռը բաց արեք ու նայեցեք, մաման ականջ չի՞ դնում։

— Լավ, կնայեմ, Lise, բայց ավելի լավ չի՞ լինի, որ չնայեմ, հա՞։ Ինչո՞ւ կասկածել որ ձեր մայրն այդպիսի անազնիվ բան կանի։

— Ինչպե՞ս թե անազնիվ։ Ի՞նչ անազնիվ։ Աղջկա խոսակցությո՞ւնն է գաղտնի լսում. բայց դա նրա իրավունքն է, ոչ թե անազնիվ բան,— բռնկվեց Lise-ը։— Վստահ եղեք, Ալեքսեյ Ֆյոդորովիչ, երբ ինքս մայր դառնամ և ի՛նձ նման էլ աղջիկ ունենամ, անպայման լրտեսելու եմ նրան։

— Մի՞թե, Lise։ Դա լավ բան չէ։

— Ա՜խ աստված իմ, ի՞նչ անազնիվ բան կա այստեղ։ Եթե որևէ մի սովորական աշխարհիկ խոսակցության ականջ դնեի, անազնվություն կլիներ, բայց այստեղ հարազատ աղջիկդ է սենյակում փակվել մի երիտասարդի հետ... Լսեցե՛ք, Ալյոշա, գիտցե՛ք, ես ձեզ էլ պիտի լրտեսեմ՝ հենց որ պսակվենք, ու գիտցեք նաև, որ ձեր բոլոր նամակները պիտի բանամ ու ամեն ինչ պիտի կարդամ... Այնպես որ, նախապես իմացեք։

— Այո, անշուշտ, եթե այդպես է...— մրթմրթաց Ալյոշան,— միայն թե լավ բան չէ...

— Օ՜, ինչ արհամարհա՜նք։ Ալյոշա, սիրելիս, չգժտվենք հենց առաջին օրից։ Ավելի լավ է՝ ասեմ ձեզ ամբողջ ճշմարտությունը. դե իհարկե, շատ վատ բան է լրտեսելը, և անշուշտ թե ես իրավացի չեմ, դուք եք իրավացի, բայց ես համենայն դեպս լրտեսելու եմ ձեզ։

― Դե լավ, արեք։ Ոչ մի գաղտնիք-բան չեք գտնի,— ծիծաղեց Ալյոշան։

— Իսկ ենթարկվելո՞ւ եք ինձ, Ալյոշա։ Դա էլ պետք է նախօրոք որոշել։

— Մեծ սիրով, Lise, անպայման, բայց ոչ ամենագլխավոր հարցում։ Եթե ամենագլխավոր հարցում դուք համաձայն չլինեք ինձ հետ, համենայն դեպս կանեմ այն, ինչ պարտքն է ինձ թելադրում։

— Այդպես էլ պետք է։ Դե իմացեք ուրեմն, որ ես էլ, ընդհակառակը, պատրաստ եմ ոչ միայն ամենագլխավոր հարցում ենթարկվելու, այլև ամեն ինչում զիջելու ձեզ, և հենց հիմա էլ երդվում եմ՝ ամե՜ն ինչում և ամբո՜ղջ կյանքումս,— գոչեց Lise֊ը կաթոգին։— Եվ երջանկությո՜ւն է լինելու դա ինձ համար, երջանկությո՜ւն։ Ավելին ասեմ. երդվում եմ, որ երբեք չեմ լրտեսելու ձեզ, երբեք, ո՛չ մի անգամ, ձեր ո՛չ մի նամակը չեմ կարդալու, որովհետև դուք իրավացի եք, իսկ ես՝ ոչ։ Ու թեև լրտեսելու սոսկալի ցանկություն եմ ունենալու, գիտեմ, բայց այնուամենայնիվ չեմ անելու այդ բանը, որովհետև դուք անազնիվ եք համարում դա։ Դուք կարծես թե իմ նախախնամությունը լինեք հիմա... Լսեցեք, Ալեքսեյ Ֆյողորովիչ, ինչո՞ւ այդպես տխուր եք այս օրերս, երեկ էլ, այսօր էլ, գիտեմ, որ հոգսեր ու ցավեր ունեք, սակայն տեսնում եմ, որ դրանից բացի մի ուրիշ հատուկ տրտմություն կա ձեր մեջ, գուցե թաքուն մի տրտմություն, հա՞։

— Այո, Lise, թաքուն մի տրտմություն էլ ունեմ,— ասաց Ալյոշան տխրագին։— Տեսնում եմ՝ սիրում եք ինձ, քանի որ կռահեցիք այդ բանը։

— Իսկ ի՞նչ տրտմություն է։ Ի՞նչն է պատճառը։ Կարո՞ղ եք ասել,— հարցրեց Lise-ը վարանոտ թախանձանքով։

— Հետո կասեմ, Lise... հետո...— շփոթվեց Ալյոշան։ — Հիմա գուցե հասկանալի էլ չլինի։ Եվ ինքս էլ գուցե չեմ կարողանա պարզ ասել։

— Բացի այդ, գիտեմ, որ ձեզ տանջում են նաև ձեր եղբայրները, ձեր հայրը, չէ՞։

— Այո, եղբայրներս էլ,— ասաց Ալյոշան մի տեսակ մտամոլոր։

— Ես չեմ սիրում ձեր եղբորը՝ Իվան Ֆյոդորովիչին, Ալյոշա,— նկատեց հանկարծ Lise-ը։

Ալյոշան որոշ զարմանքով ընդունեց այդ դիտողությունը, բայց պատասխան չտվեց։

— Եղբայրներս խորտակում են իրենց կյանքը,― շարունակկեց նա,— հայրս՝ նույնպես։ Եվ ուրիշներին էլ խորտակում են իրենց հետ։ Այստեղ գործում է «կարամազովյան հողեղեն ուժը», ինչպես հայր Պաիսին ասաց անցյալ օր, հողեղեն ու անտաշ, մոլեգին ուժը... Եվ նույնիսկ չգիտեմ՝ աստվածային ոգին շրջո՞ւմ է արդյոք այդ ուժի վերևում։ Գիտեմ միայն, որ ինքս էլ Կարամազով եմ... Վանակա՞ն եմ ես, վանակա՞ն։ Վանակա՞ն եմ ես, Lise։ Կարծեմ քիչ առաջ ասացիք, որ վանակա՞ն եմ ես։

— Այո, ասացի։

— Իսկ ես գուցե հենց աստծուն էլ չեմ հավատում։

— Չեք հավատո՞ւմ, ի՞նչ է պատահել ձեզ,— մեղմ ու զգույշ ասաց Lise֊ը։ Բայց Ալյոշան չպատասխանեց։ Նրա այդ վերջին խիստ անակնկալ խոսքի մեջ չափազանց խորհրդավոր ու չափազանց ներանձնական մի բան կար, որ գուցե իրեն համար էլ պարզ չէր, բայց արդեն անտարակուսելիորեն տանջում էր նրան։

— Եվ ահա հիմա, ի վերա այսր ամենայնի, գնո՜ւմ է իմ բարեկամը, աշխարհի առաջնագույն մարդը, հեռանում է երկրային կյանքից։ Եթե իմանայիք, եթե իմանայի՜ք, Lise, թե ինչպե՜ս եմ կապված, ինչպես եմ հոգեպես միաձուլվել այդ մարդու հետ։ Եվ ահա առանձին եմ մնալու... Ձեզ մոտ կգամ, Lise... Այսուհետև միասին կլինենք...

— Այո՜, միասին, միասի՜ն։ Այսուհետև մի՛շտ միասին՝ մեր ամբողջ կյանքում։ Լսեցեք, Ալյոշա, համբուրեցեք ինձ, թույլ եմ տալիս։

Ալյոշան համբուրեց նրան։

— Դե հիմա գնացեք, Քրիստոս ընդ ձեզ։ (Եվ նա խաչակնքեց Ալյոշային)։ Շտապեցեք նրա մոտ, քանի դեռ կենդանի է։ Տեսնում եմ, որ անխղճորեն ուշացրի ձեզ։ Այսօր ես պիտի աղոթեմ նրա և ձեզ համար։ Ալյոշա, մենք երջանիկ կլինենք։ Կլինե՞նք երջանիկ, կլինե՞նք։

— Կարծում եմ՝ կլինենք, Lise։

Դուրս գալով Lise-ի սենյակից, Ալյոշան անպատեհ համարեց տեսնել տիկին Խոխլակովային և, առանց նրան հրաժեշտ տալու, դուրս էր գնում տնից։ Բայց հենց որ դուռը բացեց, ոտքը դրեց սանդուղքի վրա, հանկարծ, չգիտես որտեղից, նրա դիմաց ելավ ինքը՝ տիկին Խոխլակովան։ Առաջին իսկ բառերից Ալյոշան կռահեց, որ նա հատկապես սպասում էր իրեն այնտեղ։

— Ալեքսե՛յ Ֆյոդորովիչ, սոսկալի է սա։ Երեխայական պարապ բաներ են այդ բոլորը, անմտություն։ Հույս ունեմ, որ դուք երազներով չեք տարվի... Հիմարությո՛ւն է, հիմարություն, հիմարությո՜ւն,— հարձակվեց նա Ալյոշայի վրա։

— Միայն թե նրան մի՛ ասեք այդ բանը,— ասաց Ալյոշան,— թե չէ՝ կհուզվի, իսկ դա հիմա վնասակար է նրա համար։

— Ողջամիտ երիտասարդից ողջամիտ խոսք եմ լսում։ Արդյոք այնպե՞ս հասկանամ, որ ինքներդ կարեկցելով նրա հիվանդագին վիճակին՝ համաձայնվեցիք նրա հետ, որովհետև պարզապես չէիք ուզում ձեր հակաճառությամբ բարկացնել նրան։

— Օ ո՜չ, ոչ երբեք, ես կատարելապես լուրջ էի խոսում նրա հետ,— հաստատապես հայտարարեց Ալյոշան։

— Լրջությունն անկարելի է, աներևակայելի է այս հարցում, և այլևս ոչ մի անգամ չեմ ընդունի ձեզ իմ տունը, դա՝ մեկ, իսկ երկրորդ՝ կգնամ այստեղից և կտանեմ նրան, գիտցե՛ այդ։

― Բայց ինչո՞ւ,— ասաց Ալյոշան,— դա դեռ այնքան հեռավոր բան է, գուցե դեռ մեկուկես տարի պետք է սպասենք։

— Ա՜խ, Ալեքսեյ Ֆյոդորովիչ, դա ճիշտ է անշուշտ, և մեկուկես տարում հազար անգամ առիթ կունենաք գժտվելու և բաժանվելու։ Բայց ես այնքա՜ն դժբախտ եմ, այնքան դժբախտ։ Թեկուզ պարապ բան է այդ ամբողջը, բայց այնպիսի՜ հարված էր ինձ համար։ Հիմա ես կարծեք Ֆամուսովը լինեմ վերջին տեսարանում (խոսքը Գրիբոյեդովի «խելքից պատուհաս» պիեսի մասին է։), դուք՝ Չացկին, իսկ նա՝ Սոֆյան, և երևակայեցեք, դիտմամբ վազեցի այստեղ սանդուղքի վրա ձեզ հանդիպելու, չէ՞ որ պիեսում էլ ճակատագրական դրվագը տեղի է ունենում սանդուղքի վրա։ Ամեն ինչ լսեցի, հազիվ դիմացա։ Ահա թե ուրեմն ինչո՜վ են բացատրվում այս գիշերվա սարսափները և նրա հիստերիկ բռնկումները այսօր։ Աղջկա համար՝ սեր, իսկ մոր համար՝ մահ։ Մնում է ուղղակի գերեզման մտնել։ Հիմա երկրորդ և ամենակարևոր հարցը. այդ ի՞նչ նամակ է, որ նա գրել է ձեզ, ցո՛ւյց տվեք անմիջապես, անմի՜ջապես։

— Ոչ, պետք չէ։ Ասացեք, ինչպե՞ս է Կատերինա Իվանովնայի առողջությունը, ինձ շատ անհրաժեշտ է իմանալ։

— Դեռ պառկած զառանցում է, ուշքի չեկավ։ Մորաքույրներն այստեղ են, ախ են քաշում միայն ու հպարտություն են ծախում իմ գլխին, իսկ Հերցենշտուբեն եկավ և այնպես վախեցավ, որ չգիտեի ինչ անեմ, ինչպես նրան էլ փրկեմ, ուզում էի նույնիսկ բժիշկ կանչել։ Նրան իմ կառքով ետ տարան։ Եվ հանկարծ, ի լրումն ամենայնի, հանկարծ դո՜ւք և այս նամակը։ Ճիշտ է, դեռ մեկուկես տարի կա այդ ամբողջի համար։ Հանուն բոլոր վեհ ու սուրբ բաների, հանուն ձեր վախճանվող սրբահոր՝ ցո՛ւյց տվեք ինձ այդ նամակը, Ալեքսեյ Ֆյոդորովիչ, ցույց տվեք ի՛նձ, մո՛րը։ Եթե ուզում եք, մատներով բռնեցեք նամակը իմ առաջ, ես այդպես կկարդամ ձեր ձեռքից։

— Ոչ, չեմ ցույց տա, Կատերինա Օսիպովնա, թեկուզ նա էլ թույլատրի, չեմ ցույց տա։ Վաղը կգամ, և եթե ուզեք՝ շատ բաների մասին կխորհրդակցենք, բայց հիմա՝ ցտեսությո՛ւն։

Եվ Ալյոշան վազեց սանդուղքն ի վար՝ դեպի փողոց։


II։ Սմերդյակովը կիթառ է նվագում

Եվ իրոք, նա ժամանակ էլ չուներ։ Դեռ Lise֊ին հրաժեշտ տալու պահին մի միտք էր ծագել նրա գլխում՝ թե ի՞նչ բացառիկ հնարամտությամբ գտնի հիմա Դմիտրիին, որ ըստ երևույթին խուսափում է իրեն հանդիպելուց։ Օրվա երկրորդ կեսն էր արդեն, ժամը երկուսն անց էր։ Ալյոշան իր ամբողջ էությամբ ձգտում էր դեպի վանք՝ իր «մեծ» մահամերձի մոտ, բայց Դմիտրիին տեսնելու պահանջը գերակշիռ դարձավ. ժամ առ ժամ ուժեղանում էր Ալյոշայի մտքում այն համոզմունքը, թե ուր որ է մի անխուսափելի, ահավոր աղետ է կատարվելու։ Գուցե ինքն էլ չկարողանար որոշակի բացատրել, թե հատկապես ի՛նչ բնույթի աղետ է կատարվելիքը և ինչ կուզենար ասել իր եղբորն այս րոպեիս։ «Թեկուզ իմ բացակայությանը վախճանվի իմ բարերարը, բայց գոնե ես ինձ չեմ կշտամբի ամբողջ կյանքում, որ կարող էի գուցե փրկել մի բան և չեմ փրկել, կողքով եմ անցել, շտապել եմ տուն։ Այսպես անելով, նրա մեծ պատգամի համաձայն գործած կլինեմ»։

Ալյոշայի ծրագիրն այն էր, որ անակնկալի բերի իր եղբորը, այսինքն երեկվա նման անցնի այն ցանկապատի վրայով, մտնի այգի և դարանակալ սպասի այն տաղավարում։ «Եթե ինքը այնտեղ չէ,— մտածում էր Ալյոշան,— առանց Ֆոմային կամ տանտիրուհիներին երևալու կպահվեմ տաղավարում ու կսպանեմ թեկուզ մինչև իրիկուն։ Եթե նա առաջվա նման հսկում է Գրուշենկայի գալուն, ուրեմն շատ հավանական է, որ տաղավար էլ մտնի...»։ Եվ սակայն Ալյոշան շատ երկար֊բարակ չմտածեց իր ծրագրի մանրամասնությունների մասին, այլ որոշեց իրագործել, նույնիսկ եթե դրա համար ստիպված լիներ վանք չհասնել այսօր...

Ամեն ինչ կատարվեց առանց խոչընդոտի, ճյուղորմի վրայով անցավ համարյա այն նույն տեղից, որտեղից երեկ էր անցել, և գաղտագողի գնաց ու մտավ տաղավարը։ Չէր ուզում, որ իրեն նկատեն. և՛ տանտիրուհիները, և՛ Ֆոման (եթե այստեղ է նա) կարող էին եղբոր կողմը բռնել և անսալ նրա հրամաններին, ուստի Ալյոշային չթողնել, որ այգի մտնի, կամ էլ ժամանակին լուր տալ եղբորը, թե նրան են փնտրում ու հարցնում»։

Տաղավարում ոչ ոք չկար։ Ալյոշան նստեց իր երեկվա տեղը և սկսեց սպասել։ Շուրջը նայեց, և տաղավարը, չգիտես ինչու, շատ ավելի խարխուլ թվաց, քան նախորդ օրը, անպետք մի բան երևաց նրա աչքին այս անգամ։ Բայց երեկվա նման պայծառ էր օրը։ Կանաչ սեղանի վրա մի փոքր, կլոր հետք էր մնացել երեկվա ըմպանակից, որից կոնյակը թափթփվել էր ըստ երևույթին։ Դատարկ ու գործին անհարիր մտքեր էին գալիս նրա գլուխը, ինչպես միշտ լինում է ձանձրալի սպասման ժամանակ. օրինակ, թե ինչո՞ւ հիմա, մտնելով այստեղ, նստեց ճիշտ ու ճիշտ այն տեղը, ուր երեկ էր նստել և ինչո՞ւ մի ուրիշ տեղ չնստեց։ Ի վերջո շատ տխուր զգաց իրեն, տխրեց տագնապալի անորոշության հետևանքով։ Բայց դեռ քառորդ ժամ էլ չէր նստել, երբ հանկարծ, շատ մոտիկ մի տեղից, կիթառի ակորդ լսվեց։ Ոչ ավելի, քան քսան քայլ հեռու իրենից, թփերի մեջ մի տեղ, մարդիկ էին նստած և կամ հենց նոր մեկը նստեց։ Ալյոշան վայրկենապես հիշեց որ երեկ, երբ եղբորը թողնելով հեռանում էր տաղավարից, ձախ կողմից ցանկապատի տակ մի կանաչ, ցածլիկ ու հին նստարան էր տեսել կամ աչքին էր երևացել թփերի մեջ։ Ուրեմն հենց այնտեղ էլ նստեցին հիմա եկողները։ Իսկ ովքե՞ր են արդյոք։ Տղամարդու մի ձայն հանկարծ սկսեց երգել քաղցրավուն ֆալցետով, կիթառի վրա նվագակցելով ինքն իրեն.


Անդիմադրելի ուժով
Կապվել եմ սիրած յարիս։
Տե՜ր, ողո֊ո՜֊որմյա
Ե՛վ նրան, և՛ ինձ,
Ե՛վ նրան, և՛ ինձ,
Ե՛վ նրան, և՛ ինձ։

Ձայնը կանգ առավ։ Քծնողական տենոր էր, երգի դարձվածքներն էլ շինծու էին, քծնողական։ Հանկարծ մի ուրիշ, արդեն կանացի ձայն, փաղաքշական ու մի տեսակ երկչոտ շեշտով, բայց և ակնհայտ սեթևեթանքով ասաց.

— Ինչո՞ւ այսքան երկար ժամանակ չեք գալիս մեզ մոտ, Պավել Ֆյոդորովիչ, ինչո՞ւ միշտ արհամարհում եք մեզ։

― Բնա՜վ,— պատասխանեց տղամարդու ձայնը, թեև քաղաքավարի կերպով, բայց ամենից առաջ վճռականորեն շեշտելով իր արժանապատվությունը։ Ըստ երևույթին տղամարդն էր գերակշռողը, իսկ կինը դարպասում էր։ «Տղամարդը կարծեմ Սմերդյակովն է,— մտածեց Ալյոշան,— գոնե ձայնից դատելով, իսկ օրիորդը հավանաբար այս տանտիրուհու աղջիկն է, այն, որ եկել է Մոսկվայից, երկար պոլով հագուստ է հագնում և ապուրի համար Մարֆա Իգնատևնայի մոտ է գնում...»։

— Սոսկալի սիրում եմ ամեն տեսակի ոտանավորները, եթե ներդաշնակ են,— շարունակեց կանացի ձայնը։— Ինչո՞ւ չեք շարունակում։

Տղամարդու ձայնը նորից երգեց.


Թագավորի թագն ի՞նչ անեմ,
Միայն թե յարս առողջ լինի։
Տե՜ր, ողո֊ո՜֊որմյա,
Ե՛վ նրան, և՛ ինձ,
Ե՛վ նրան, և՛ ինձ,
Ե՛վ նրան, և՛ ինձ։

— Անցյալ անգամ է՛լ ավելի լավ էր ստացվում,— նկատեց կանացի ձայնը։— Թագավորի թագից հետո երգում էիք՝ «Անուշիկ յարս առողջ լինի»։ Այդպես ավելի քնքուշ էր լինում, երևի այսօր մոռացել եք։

— Ոտանավոր ասածդ հիմար բան է,— կարճ կտրեց Սմերդյակովը։

— Օ ո՜չ, ես ոտանավոր շատ եմ սիրում։

— Ոտանավորը ոտանավոր է, ուրեմն հիմարություն է ոտից գլուխ։ Ինքներդ դատեցեք, աշխարհիս երեսին ո՞վ է հանգերով խոսում։ Եվ եթե բոլորս սկսեինք հանգերով խոսել, թեկուզ նույնիսկ իշխանությունները այդպես հրամայած լինեին, ինչ է, շա՞տ բան կկարողանայինք ասել։ Ոտանավորը բանի պետք չէ, Մարյա Կոնդրատևնա։

— Ինչպե՞ս է որ դուք այնքան խելոք եք ամեն մի հարցում, ինչպե՞ս է որ թափանցել եք ամեն ինչի մեջ,— ավելի ու ավելի փաղաքշական էր դառնում կանացի ձայնը։

— Ես դեռ ավելին կարող էի, դեռ ավելի շատ բան կիմանայի, եթե հենց մանկուց ուրիշ լիներ իմ բախտը։ Ես մենամարտում ատրճանակով կսպանեի նրան, ով կհանդգներ ինձ ասել, թե ես ստոր արարած եմ, որովհետև Սմերդյաշչայայից եմ ծնվել առանց հոր։ Բայց Մոսկվայում էլ իմ աչքն էին կոխում այդ բանը, այստեղից էր լուրը սողոսկել, շնորհիվ Գրիգորի Վասիլևիչի։ Գրիգորի Վասիլևիչը նախատում է ինձ, որ ընդվզում եմ ծնվելուս դեմ։ «Դու,— ասում է,— նրա ծոցից դուրս եկար»։ Ծոցը ծոց, բայց ես թույլ կտայի, որ դեռ սաղմի մեջ սպանեին ինձ, միայն թե բոլորովին աշխարհ չգայի։ Շուկայում ինձ ասացին, ձեր մայրիկն էլ իր ահավոր աննրբանկատությամբ ելավ ինձ պատմելու, թե նա մազերը խռիվ էր ման գալիս, հասակն էլ ընդամենը երկու կանգունից մի պուճուր ավելի էր։ Իսկ ինչո՞ւ մի պուճուր, երբ կարելի է պարզապես «մի քիչ» ասել, ինչպես բոլորն են ասում։ Ուզում էր լացկան խոսել, բայց ախր դա գեղջկական լացկանություն է այսպես ասած, հենց գյուղացու զգացմունքներ են դրանք։ Ռուս գյուղացին կարո՞ղ է զգացմունքներ ունենալ կրթված մարդու համեմատությամբ։ Հենց իր անկրթության պատճառով ոչ մի զգացմունք չի կարող ունենալ։ Դեռ մանկուց, երբ հանկարծ լսում եմ «մի պուճուր» խոսքը, կատաղությունից պայթելս է գալիս ուղղակի։ Ատո՛ւմ եմ ամբողջ Ռուսաստանը, Մարյա Կոնդրատևնա։

— Եթե բանակային յունկեր լինեիք կամ էլ նորատի մի հուսար, այսպես չէիք խոսի, այլ թուրը կքաշեիք և կսկսեիք պաշտպանել ամբողջ Ռուսաստանը։

— Ես ոչ միայն չեմ ուզում հուսար լինել, Մարյա Կոնդրատևնա, այլև ցանկանում եմ, ընդհակառակը, որ բոլոր զինվորները վերանան աշխարհից։

— Իսկ ո՞վ պիտի պաշտպանի, երբ թշնամին գա։

— Բնավ էլ կարիք չկա պաշտպանելու։ Տասներկու թվականին ֆրանսիացիների Նապոլեոն առաջին կայսրը, հիմիկվա Նապոլեոնի հայրը, մեծ արշավանք արեց Ռուսաստանի վրա, և լավ կլիներ, եթե այն ժամանակ մեզ նվաճեին հենց այդ ֆրանսիացիները. խելացի ազգը շատ հիմար մի ազգ նվաճած կլիներ ու կկցեր իրեն։ Բոլորովին այլ կարգեր կհաստատվեին նույնիսկ։

— Իբր թե նրանք մերոնցից շա՞տ ավելի լավ են իրենց երկրում։ Մեր մի շքեղ տղային չեմ փոխի երեք այդպիսի երիտասարդ անգլիացու հետ,— քնքշորեն ասաց Մարյա Կոնդրտաևնան, երևի այդ վայրկյանին չափազանց նվաղուն մի հայացք միացնելով իր խոսքերին։

— Նայած թե ով ինչ է սիրում։

— Բայց դուք էլ ճիշտ օտարերկրացու նման եք, ուղղակի ամենից ազնվական օտարերկրացու նման, ասեմ ձեզ այդ, չնայած ամոթ է, որ ասում եմ։

— Եթե ուզում եք իմանալ, անառակության մեջ բոլորը նման են իրար՝ նրանք էլ, մերոնք էլ։ Բոլորն էլ ստահակ են, միայն թե այնտեղի ստահակը լաքած կոշիկներով է ման գալիս, իսկ մեր աղքատ սրիկան լողում է գարշահոտության մեջ և դրանում ոչ մի վատ բան չի տեսնում։ Պետք է մտրակի քաշել ռուս ժողովուրդը, ինչպես Ֆյոդոր Պավլովիչն էր ասում երեկ և ճիշտ էր ասում, թեև նա խելագարի մեկն է, տղաներն էլ հետը։

— Ինքներդ էիք ասում, որ հարգում եք Իվան Ֆյոդորովիչին։

— Բայց նա իմ վերաբերմամբ ասաց, որ հոտած ծառա եմ։ Կարծում է, թե կարող եմ գլուխ բարձրացնել։ Սխալ է կարծում։ Գրպանումս մի այնպիսի գումար լիներ, վաղուց գնացած կլինեի այստեղից։ Դմիտրի Ֆյոդորովիչը որևէ մի ծառայից էլ վատ է թե՛ իր վարքով, թե'՛ իր խելքով, թե՛ իր աղքատությամբ, և ոչ մի բան էլ չի գալիս ձեռքից, բայց նրան, ընդհակառակը, բոլորն էլ հարգում են։ Ասենք թե ես ապուր եփող եմ միայն, բայց եթե բախտս բանի, կարող եմ Մոսկվայում կաֆե-ռեստորան բանալ Պետրովկայի վրա։ Որովհետև՝ ես ընտիր բաներ եմ եփում, իսկ Մոսկվայում ոչ ոք, օտարերկրացիներից բացի, չի կարող ընտիր բաներ մատուցել։ Դմիտրի Ֆյոդորովիչը խուժանի մեկն է, բայց եթե նա ամենից առաջնակարգ կոմսի որդուն մենամարտի հրավիրի, կընդունեն նրա հրավերը։ Իսկ ինչո՞վ է նա ինձանից լավ։ Որովհետև՝ նա անհամեմատ ավելի հիմար է, քան ես։ Որքա՜ն փող քամուն տվեց առանց որևէ օգուտ ստանալու։

— Մենամարտը, ինձ թվում է, շատ գեղեցիկ բան է,— նկատեց հանկարծ Մարյա Կոնդրատևնան։

— Իսկ ինչո՞վ է գեղեցիկ։

— Սարսափելի և քաջարի մի բան է այնպես, մանավանդ եթե երիտասարդ սպաներ, ատրճանակը ձեռքներին՝ իրար դեմ կրակում են մի որևէ օրիորդի համար։ Ուղղակի գեղեցիկ տեսարան։ Ա՜խ, եթե աղջիկներին թույլ տային նայելու, սոսկալի կուզենայի տեսնել մի անգամ։

— Լավ է, եթե մարդ ինքն է նշան բռնում, բայց եթե հենց իր մռութին են ուղղում ատրճանակը, այդ դեպքում ավելի հիմար զգացողություն չի կարող լինել։ Կթողնեք ու կփախչեք, Մարյա Կոնդրատևնա։

— Մի՞թե դուք կփախչեիք։

Բայց Սմերդյակովը շնորհ չարեց պատասխանելու։ Մի րոպե լռություն տիրեց, հետո նորից լսվեց կիթառի ակորդը և ֆալցետային ձայնը գեղգեղեց երգի վերջին տունը.


Որքան էլ ջանք թափես,
Գնալու եմ ես,
Կյանքն ուրախ է այնպե-ե՜- ես
Մայրաքաղաքում։
Չեմ տխրի այնտեղ,
Երբեք չեմ տխրի այնտեղ,
Բնավ միտք չունեմ տխրելու այնտեղ։

Եվ հետո մի անակնկալ բան պատահեց. Ալյոշան հանկարծ փռշտաց։ Վայրկենապես լռեցին նրանք։ Ալյոշան վերկացավ ու գնաց նրանց կողմը։ Իրոք, Սմերդյակովն էր. զուգվել-զարդարվել էր, մազերին անուշահոտ յուղ էր քսել, գանգրացրել էր համարյա, լաքած կոշիկներ էր հագել։ Կիթառը նստարանի վրա էր դրված։ Իսկ օրիորդը Մարյա Կոնդրատևնան էր, տանտիրուհու դուստրը, բաց կապույտ էր նրա շրջազգեստը, փեշը երկու կանգուն երկարություն ուներ։ նորատի աղջիկ էր տակավին և տգեղ էլ չէր կարծես, բայց թե շատ կլոր էր դեմքը և սոսկալի պեպենոտ։

— Դմիտրին շո՞ւտ կվերադառնա,— ասաց Ալյոշան, որքան կարելի է հանգիստ շեշտով։

Սմերդյակովը դանդաղ վերկացավ նստարանից. վերկացավ նաև Մարյա Կոնդրատևնան։

— Իսկ ինչո՞ւ ես պետք է տեղյակ լինեի Դմիտրի Ֆյոդորովիչի մասին։ Ուրիշ բան, թե որ նրա պահապանը լինեի,— պատասխանեց Սմերդյակովը հանդարտորեն, հատիկ֊հատիկ ու քամահրանքով։

— Բայց ես պարզապես հարցրի՝ գիտե՞ք կամ ոչ,— բացատրեց Ալյոշան։

— Ոչինչ չգիտեմ նրա որտեղ լինելու մասին և չեմ էլ ուզում իմանալ։

— Բայց եղբայրս ասել է ինձ, թե հենց դուք եք նրան լուր տալիս ամեն ինչի մասին, որ կատարվում է տանը, և խոստացել եք հայտնել նրան, երբ Ագրաֆենա Ալեքսանդրովնան գա։

Սմերդյակովը մի դանդաղ, անվրդով հայացք նետեց նրա վրա։

— Իսկ դուք ինչպե՞ս բարեհաճեցիք ներս մտնել այս անգամ, քանի որ արդեն մի ժամ է, ինչ փականով փակված է այստեղ դարպասը,— հարցրեց նա, սևեռուն նայելով Ալյոշային։

— Ցանկապատի վրայով անցա ետևի փողոցից և ուղղակի տաղավար եկա։ Հույս ունեմ, որ դուք ինձ կներեք դրա համար,— դարձավ նա Մարյա Կոնդրատևնային,— պետք է շտապ գտնեի եղբորս։

— Ա՜խ, մի՞թե մենք կարող ենք նեղանալ ձեզնից,— ծոր տվեց Մարյա Կոնդրատևնան, Ալյոշայի ներողություն խնդրելուց շոյված,— քանի որ Դմիտրի Ֆյոդորովիչն էլ հաճախ այդ ձևով է տաղավար մտնում. մենք լուր էլ չունենք, բայց նա նստած է լինում այնտեղ։

— Ես հիմա շատ եմ փնտրում նրան, շատ կցանկանայի նրան տեսնել կամ էլ ձեզնից իմանալ, թե որտեղ է նա հիմա։ Հավատացե՛ք, հենց նրան վերաբերող շատ կարևոր մի գործ կա։

— Նա մեզ ոչինչ չի հայտնում,— թոթովեց Մարյա Կոնդրատևնան։

— Թեև որպես հարևան ու ծանոթ եմ գալիս այստեղ,— սկսեց նորից Սմերդյակովը,— բայց նա այստեղ էլ ինձ անողորմարար ճնշում էր, անընդհատ հարցուփորձ անելով մեր տիրոջ մասին՝ թե ի՞նչ նոր բան կա, ի՞նչ է անցնում֊դառնում այնտեղ, ո՞վ է գալիս, ո՞վ է գնում, և թե չե՞մ կարող տակավին ուրիշ բաներ էլ հաղորդել։ Երկու անգամ նույնիսկ մահվամբ սպառնաց ինձ։

— Ինչպե՞ս թե մահվամբ,— զարմացավ Ալյոշան։

— Իսկ նրա համար միթե մե՞ծ բան է դա՝ այդ իր բնավորությամբ, որ դուք ինքներդ բարեհաճեցիք դիտել երեկ։ Եթե, ասում է, ներս թողնես Ագրաֆենա Ալեքսանդրովնային և նա այստեղ գիշերի, առաջինը դու ողջ չես մնա։ Շատ եմ վախենում նրանից, և պետք է որ նրա մասին հայտնեի քաղաքային իշխանություններին, բայց այդ քայլն ավելի ևս վախեցնում է ինձ, էլ աստված գիտե ինչե՜ր կարող է անել հետո։

— Անցյալ օր Դմիտրի Ֆյոդորովիչը նրան ասաց՝ «սանդի մեջ կփշրեմ քեզ»,— ավելացրեց Մարյա Կոնդրատևնան։

— Է՜հ, եթե սանդի մեջ փշրելն է խնդիրը, դա գուցե խոսք է պարզապես...— նկատեց Ալյոշան։— Եթե կարողանայի հիմա նրան հանդիպել, այդ մասին էլ մի որևէ բան կասեի...

— Ահա միակ բանը, որ կարող եմ հայտնել,— կարծես հանկարծ մի նոր բան մտածեց Սմերդյակովը։— Ես որպես մշտական հարևան ու ծանոթ գալիս եմ այստեղ, և ինչո՞ւ չգամ որ։ Մյուս կողմից, Իվան Ֆյոդորովիչն այսօր առավոտ կանուխ ինձ ուղարկեց նրա բնակարանը՝ այդ Օզերնայա փողոցի վրա, առանց նամակի, այլ բերանացի հայտնելու համար Դմիտրի Ֆյոդորովիչին, որ նա անպայման գա հրապարակի գինետունը՝ միասին ճաշելու։ Գնացի, բայց Դմիտրի Ֆյոդորովիչին չգտա իր բնակարանում, թեև ժամը ութն էր տակավին։ «Այստեղ էր,— ասացին,— բայց հիմա չկա»։ Հենց այս բառերով պատասխանեցին նրա տանտերերը։ Կարծես մի տեսակ պայմանավորվածություն կա նրանց միջև՝ երկուստեք։ Իսկ հիմա, հենց այս րոպեիս, գուցե նա գինետանը նստել է Իվան Ֆյողորովիչի հետ, քանի որ Իվան Ֆյոդորովիչը տուն չեկավ ճաշելու, իսկ Ֆյոդոր Պավչովիչը մեկ ժամ առաջ առանձին ճաշեց և հիմա պառկեց հանգստանալու։ Սակայն խիստ թախանձագին խնդրում եմ, որ ոչինչ չասեք նրան իմ մասին և այս իմ հայտնած բաների մասին, որովհետև առանց այլևայլի կսպանի։

— Իվանն այսօր գինետո՞ւն հրավիրեց Դմիտրիին,— վերստին հարցրեց Ալյոշան արագորեն։

— Ճիշտ այդպես։

— «Մայր քաղաք» գինետո՞ւնը, հրապարակի վրա՞։

— Ճիշտ այդ գինետունը։

— Շա՛տ հնարավոր է,— բացականչեց Ալյոշան խիստ հուզված։— Շնորհակալ եմ ձեզ, Սմերդյակով, կարևոր լուր է, անմիջապես կգնամ այնտեղ։

— Մի՛ մատնեք ինձ,— ասաց նրա ետևից Սմերդյակովը։

— Օ ո՜չ, գինետուն կհանդիպեմ՝ իբր թե պատահաբար, հանգիստ եղեք։

— Բայց ո՞ւր այդպես, սպասեցե՜ք, դռնակը բանամ,— գոռաց Մարյա Կոնդրատևնան։

— Չէ, այստեղից ավելի մոտ է, ցանկապատի վրայով նորից։

Այդ լուրը սոսկալի ցնցեց Ալյոշային։ Նա վազեց դեպի գինետուն։ Իր վանական հագուստով գինետուն մտնելն անպատշաճ էր, բայց կարող էր սանդուղքի վրա հարցնել նրանց մասին ու դուրս կանչել։ Սակայն հազիվ էր մոտեցել գինետանը, երբ հանկարծ մի լուսամուտ բացվեց, և Իվանն ինքը ձայն տվեց նրան վերևից.

― Ալյո՛շա, կարո՞ղ ես հիմա գալ այստեղ ինձ մոտ, թե չէ։ Սոսկալի երախտապարտ կլինեմ։

— Շատ լավ էլ կարող եմ, միայն թե չգիտեմ՝ այս իմ հագուստով...

— Ես էլ հենց առանձին սենյակում եմ, գնա մուտքի մոտ, կվազեմ ներքև՝ դիմավորելու...

Մեկ րոպե հետո Ալյոշան նստած էր եղբոր մոտ։ Իվանը մենակ էր ճաշում։


III։ Եղբայրները մտերմանում են

Սակայն առանձին սենյակում չէր Իվանը։ Դա պարզապես վարագույրով անջատված մի տեղ էր լուսամուտի մոտ, բայց կողմնակի մարդիկ, այնուամենայնիվ չէին կարող տեսնել վարագույրի ետև նստողներին։ Այդ սենյակը առաջինն էր դռնից, կողքի պատի տակ բուֆետ կար։ Ամեն րոպե սուրում-անցնում էին մատուցողները։ Միայն մեկ հաճախորդ կար այնտեղ՝ ծերունի, պաշտոնաթող մի զինվորական, որ թեյ էր խմում անկյունում։ Բայց գինետան մյուս սենյակներում տիրում էր սովորական աղմուկը, գոռալով կանչում էին մատուցողներին, լսվում էր շշերից հանվող խցանների ձայնը, բիլյարդի գնդակների թխկոցը, երգեհոնը զնգում էր։ Ալյոշան գիտեր, որ Իվանը գրեթե երբեք չի հաճախել այս գինետունը և ընդհանրապես գինետների սիրահար չէ։ Ուրեմն, մտածեց, Իվանն այստեղ եկել է հենց միայն Դմիտրիին հանդիպելու համար, ըստ պայմանադրության։ Եվ սակայն Դմիտրին չկար։

— Քեզ համար ձկնապո՞ւր պատվիրեմ, թե մի ուրիշ բան։ Հո միայն թեյով չես ապրում, չէ՞,— գոռաց Իվանը, երևի սոսկալի ուրախացած, որ իր մոտ քաշեց Ալյոշային։ Ինքն արդեն վերջացրել էր ճաշը և թեյ էր խմում։

— Թող ձկնապուր լինի, հետո էլ թեյ, քաղցած եմ,— ուրախ ասաց Ալյոշան։

— Իսկ բալի անո՞ւշ։ Ունեն այստեղ։ Հիշո՞ւմ ես, ինչպես էիր բալի անուշ սիրում, երբ փոքր էիր, Պոլենովի տանը։

— Դու հիշո՞ւմ ես այդ։ Դե անուշ էլ պատվիրիր, հիմա էլ դեռ սիրում եմ։

Իվանը կանչեց մատուցողին և պատվիրեց ձկնապուր, թեյ և բալի անուշ։

— Ես ամեն ինչ հիշում եմ, Ալյոշա, քեզ հիշում եմ մինչև քո տասնմեկ տարեկանը, ես այն ժամանակ տասնհինգի մեջ էի։ Տասնհինգ ու տասնմեկ՝ այնպիսի տարբերություն է, որ եղբայրներն այդ տարիքին երբեք ընկերներ չեն լինում։ Նույնիսկ չգիտեմ, սիրո՞ւմ էի քեզ արդյոք։ Երբ Մոսկվա գնացի, առաջին տարիներին բոլորովին չէի էլ հիշում քեզ։ Հետո երբ ինքդ Մոսկվա եկար, կարծեմ միայն մեկ անգամ հանդիպեցինք ինչ-որ մի տեղ։ Իսկ հիմա արդեն չորրորդ ամիսն է ապրում եմ այստեղ, և դեռ մի բառ չենք փոխանակել իրար հետ։ Վաղը մեկնում եմ և հիմա այստեղ նստած մտածում էի՝ ինչպե՞ս արդյոք տեսնեմ քեզ, որ մնաս բարով ասեմ, մեկ էլ հանկարծ դու անցար։

— Իսկ դու շա՞տ էիր փափագում ինձ տեսնել։

— Շատ։ Ես ուզում եմ մի անգամ ընդմիշտ ծանոթանալ քեզ հետ և իմ անձն էլ քեզ ներկայացնել։ Եվ հետո ասել մնաս բարով։ Ըստ իս, ամենից լավը՝ բաժանվելուց առաջ ծանոթանալն է։ Ես տեսնում էի, թե ինչպես էիր ինձ նայում ամբողջ երեք ամիս. աչքերիդ մեջ անընդհատ ինչ-որ ակնկալություն կար, բայց հենց այդ բանը ես չեմ կարող տանել, և այդ պատճառով է, որ չմոտեցա քեզ։ Սակայն ի վերջո սովորեցի քեզ հարգել. մտածեցի՝ ամուր կանգնել է մարդուկը։ Թեև հիմա ծիծաղում եմ, բայց նկատի ունեցիր, որ լուրջ եմ խոսում։ Դու իրոք ամուր ես կանգնած, չէ՞։ Ես սիրում եմ այսպիսի ամուր մարդկանց՝ ինչի վրա էլ կանգնած լինեն, անգամ եթե փոքր տղաներ են քեզ նման։ Քո ակնկալող հայացքը բնավ անտանելի չէր թվում այլևս, ընդհակառակը, վերջ ի վերջո սիրեցի քո այդ ակնկալող հայացքը... Կարծեմ դու ինձ սիրո՞ւմ ես ինչ-որ պատճառով, Ալյոշա։

— Սիրում եմ, Իվան։ Դմիտրին քո մասին ասում է՝ գերեզման է Իվանը։ Ես քո մասին ասում եմ՝ Իվանը առեղծված է։ Դու հիմա էլ ինձ համար առեղծված ես, բայց արդեն մի բան հասկանում եմ քո մեջ, և ա՛յս առավոտ միայն սկսեցի հասկանալ։

— Եվ ի՞նչ է այդ բանը,— ծիծաղեց Իվանը։

— Չե՞ս նեղանա,— ծիծաղեց նաև Ալյոշան։

— Ասա տեսնենք։

— Որ դու ճիշտ այնպիսի երիտասարդ ես, ինչպես բոլոր մյուս քսաներեքամյա երիտասարդները, նույնպիսի ջահել, նորատի, թարմ ու հիանալի տղա ես, դե ուղղակի դեղնակտուց մի տղա։ Ինչ է, հո շատ չվիրավորեցի՞ քեզ։

— Ընդհակառա՜կը, շշմեցնո՜ղ զուգադիպություն էր,— ուրախ ու եռանդագին աղաղակեց Իվանը։— Կհավատա՞ս, որ ես, Կատերինա Իվանովնայի մոտ մեր այսօրվա հանդիպումից հետո, միայն դրա մասին էի մտածում, այդ իմ քսաներեքամյա ղեղնակտուցության մասին, և հիմա հանկարծ գուշակեցիր կարծես այդ բանը և հենց դրանից էլ սկսում ես։ Հիմա ես, այստեղ նստած, գիտե՞ս ինչ էի ասում ինքս ինձ. որ նույնիսկ եթե չհավատամ կյանքին, եթե կորցնեմ հավատքս սիրած կնոջ նկատմամբ, կորցնեմ հավատքս աշխարհի կարգ ու սարքի նկատմամբ, նույնիսկ եթե համոզվեմ, որ ամեն ինչ, ընդհակառակը, խառնաշփոթ, անիծյալ և գուցե դիվային քաոս է, թեկուզ և մարդկային հիասթափության բոլոր սարսափները հարվածեն գլխիս,— մեկ է՝ այնուամենայնիվ ես կուզենամ ապրել, և մի անգամ որ կպա այդ բաժակին՝ էլ չեմ պոկվի, մինչև ամբո՛ղջը չխմեմ։ Թեև, երբ հասնեմ երեսունիս, հավանաբար դեն գցեմ բաժակը, թեկուզ և լիովին խմած չլինեմ, և հեռանամ... չգիտեմ ուր։ Բայց մինչև երեսուն տարեկանս, հաստատ գիտեմ, իմ երիտասարդությունը կհաղթահարի ամեն ինչ ամեն մի հիասթափություն, կյանքի նկատմամբ որևէ զզվանք։ Ես ինձ շատ անգամ հարց եմ տվել արդյոք կա՞ աշխարհում այնպիսի մի հուսահատություն, որ կարողանա հաղթահարել իմ մեջ կյանքի այդ մոլեգին և գուցե անվայել ծարավը, և եկել եմ այն համոզման, որ չկա, այսինքն դարձյալ մինչև երեսուն տարեկան, իսկ հետո արդեն ինքս կհրաժարվեմ, այդպես է ինձ թվում։ Որոշ հյուծախտավոր համբակ֊բարոյախոսներ, մանավանդ բանաստեղծներ, հաճախ ստոր են անվանում կյանքի այդ ծարավը։ Ճիշտ է, դա մասամբ կարամազովյան գիծ է՝ կյանքի այդ ծարավը, որ ոչ մի բան հաշվի չի առնում, և քո մեջ էլ անպայման նստած է այդ գիծը, բայց ինչո՞ւ է դա ստոր։ Կենտրոնաձիգ ուժը դեռ սոսկալի շատ է մեր մոլորակի վրա, Ալյոշա։ Ապրել եմ ուզում, և թեկուզ տրամաբանության հակառակ՝ ապրում եմ։ Թո՛ղ չհավատամ աշխարհի կարգուսարքին, բայց ինձ համար թանկ են գարնանը բողբոջող կպչուն տերևիկները, թանկ է կապույտ երկինքը, թանկ են որոշ մարդիկ, որոնց երբեմն, հավատա՛ ինձ, չգիտես էլ, թե ինչու ես սիրում, թանկ են որոշ մարդկային սխրագործություններ, որոնց գուցե արդեն վաղուց դադարել եմ հավատալ, բայց որոնք մարդ գնահատում է սրտով, ըստ հին սովորության։ Ահա քեզ ձկնապուր բերեցին, կե՛ր, անուշ լինի։ Սքանչելի ձկնապուր է, լավ են պատրաստում։ Ես ուզում եմ Եվրոպա գնալ, Ալյոշա, այստեղից էլ հենց ճանապարհ կընկնեմ։ Եվ գիտե՜մ, որ պարզապես մի գերեզմանոց է իմ գնալիք տեղը, բայց ամենաթանկ, ամենաթա՜նկ գերեզմանոցը, ա՛յ թե ինչ։ Սիրելի ննջեցյալներ են հանգչում այնտեղ, նրանց վրա դրված յուրաքանչյուր քար խոսում է անցած այնպիսի՜ ջերմեռանդ կյանքի մասին, հիշեցնում է նրանց այնպիսի՜ կրքոտ հավատքը իրենց սխրագործության, իրենց ճշմարտության, իրենց պայքարի և իրենց գիտության նկատմամբ, որ ես, գիտե՜մ, նետվելու եմ գետին և համբուրելու եմ այդ քարերը, լաց եմ լինելու նրանց վրա, թեև միաժամանակ ի սրտե համոզված լինելով, որ այդ բոլորն արդեն վաղուց գերեզմանոց է և ոչ այլ ինչ։ Եվ ոչ թե հուսահատությունից եմ արտասվելու, այլ պարզապես որովհետև երջանիկ եմ զգալու իմ թափած արցունքներով։ Իմ սեփական խանդաղատանքով եմ արբենալու։ Գարնան կպչուն տերևիկնե՜րը, կապույտ երկի՜նքն եմ սիրում, ահա՛։ Այստեղ ո՛չ խելքի հարց է, ո՛չ տրամաբանության, այստեղ քո ընդերքով, քո որովայնով ես սիրում, սիրում ես քո ջահելության առաջին ուժերը... Որևէ բան հասկանո՞ւմ ես իմ դատարկաբանությունից, Ալյոշա, թե չես հասկանում,— ծիծաղեց հանկարծ Իվանը։

— Չափազանց լավ եմ հասկանում, Իվան։ Մարդ ուզում է իր ընդերքով ու որովայնով սիրել. շատ գեղեցիկ ասացիր, և ես սոսկալի ուրախ եմ, որ այդպիսի ուժեղ ցանկության ունես ապրելու,— բացականչեց Ալյոշան։— Ես կարծում եմ, որ բոլորն էլ պետք է ամենից առաջ կյանքը սիրեն աշխարհում։

— Կյանքը սիրեն ավելի՞, քան դրա իմաստը։

— Հենց այդպես, սիրեն տրամաբանելուց առաջ, ինչպես դու ասում ես, հենց անպայման տրամաբանելուց առաջ, և միայն այդ դեպքում է, որ մարդ իմաստն էլ կհասկանա։ Արդեն վաղուց ինձ այդպես է թվում։ Քո գործի կեսն արված է ու ձեռք բերված, Իվան. դու սիրում ես ապրել։ Հիմա պետք է ջանաս երկրորդ կեսն անել և փրկված ես։

— Ա՛յ արդեն սկսեցիր փրկե՜լ, բայց ես գուցե չէի էլ կործանվում։ Իսկ ո՞րն է տեսնենք քո այդ երկրորդ կեսը։

— Այն, որ պետք է հարություն տալ քո ննջեցյալներին, որոնք թերևս երբեք էլ չեն մահացել։ Դե, ո՛ւր է թեյը։ Ուրախ եմ, որ զրուցում ենք, Իվան։

— Տեսնում եմ, ներշնչվել ես մի տեսակ։ Սոսկալի սիրում եմ այսպիսի professions de foi (հավատո խոստովանություն — ֆրանս.) լսել՝ ահա այսպիսի... նորընծաներից։ Ամուր մարդ ես դու, Ալեքսեյ։ Ճի՞շտ է, որ վանքից ուզում ես դուրս գալ։

— Ճիշտ է։ Սրբահայրս ինձ առաքում է աշխարհ։

— Ուրեմն աշխարհում էլ հենց կտեսնվենք դեռ, կհանդիպենք մինչև երեսուն տարեկան, երբ ես արդեն կսկսեմ պոկ գալ բաժակից։ Բայց մեր հայրն ահա չի ուզում պոկ գալ իր բաժակից մինչև յոթանասուն տարեկան, նույնիսկ երազում է մինչև ութսուն տարեկան ըմբոշխնել, ինքն էր ասում։ Թեև խեղկատակ է նա, բայց չափազանց լուրջ է մտադրությունը։ Իր հեշտասիրության վրա է կանգնել, կարծես նույնպես ամուր քարի վրա... թեև երեսունից հետո, ճիշտն ասած, դրանից բացի ոչինչ չկա գուցե, որի վրա կարողանաս կանգնել... Սակայն մինչև յոթանասունը՝ ստորություն է, ավելի լավ է մինչև երեսուն, մարդ կարող է, խաբելով ինքն իրեն, «ազնվության երանգ» պահպանել։ Այսօր չե՞ս տեսել Դմիտրիին։

— Ոչ, չեմ տեսել, բայց Սմերդյակովին տեսա։— Եվ Ալյոշան արագ ու մանրամասն պատմեց եղբորը Սմերդյակովի հետ իր հանդիպման մասին։ Իվանը հանկարծ սկսեց շատ մտահոգ լսել նույնիսկ հարցուփորձ արեց։

— Միայն խնդրեց, որ Դմիտրիին չասեմ, թե ինքը խոսել է նրա մասին,— ավելացրեց Ալյոշան։

Իվանը հոնքերը կիտեց և մտածմունքի մեջ ընկավ։

— Սմերդյակովի պատճառո՞վ խոժոռվեցիր,— հարցրեց Ալյոշան։

— Այո, նրա պատճառով։ Նրա հերն էլ անիծած։ Իսկապես ուզում էի տեսնել Դմիտրիին, բայց հիմա էլ կարիք չկա...— դժկամ ասաց Իվանը։

— Իսկ դու իրո՞ք այսքան շուտ մեկնում ես, եղբայր։

— Այո։

— Ի՞նչ է լինելու Դմիտրիի և հայրիկի հարցը։ Ինչո՞վ է վերջանալու,— տագնապահար ասաց Ալյոշան։

— Դու էլ միշտ քո երգն ես երգում։ Ե՞ս ինչ գործ ունեմ նրանց հետ։ Իմ եղբայր Դմիտրիի պահապա՞նն եմ, ինչ է,— ջղայնացած կտրեց Իվանը, բայց հանկարծ մի տեսակ դառն ժպտաց։— Կայենի պատասխանը աստծուն՝ իր սպանված եղբոր մասին, չէ՞։ Գուցե ա՞յդ ես մտածում այս րոպեին։ Բայց, գրո՛ղը տանի, չեմ կարող վերջապես այստեղ մնալ ու հսկել նրանց։ Գործերս վերջացրի և գնում եմ։ Չլինի՞ մտածում ես թե խանդում եմ Դմիտրիին, թե այս երեք ամսվա ընթացքում նրանից խլում էի իր գեղեցկուհի Կատերինա Իվանովնային։ է՜, հիմարություն է, ես իմ գործերն ունեի։ Վերջացրի գործերս և գնում եմ։ Հենց նոր վերջացրի գործերս, դու էլ ականատես եղար։

— Կատերինա Իվանովնայի մո՞տ։

— Այո, նրա մոտ, և միանգամից օձիքս ազատեցի։ Հետո՞ ինչ։ Ես ի՞նչ գործ ունեմ Դմիտրիի հետ։ Դմիտրին այստեղ ոչ մի կապ չունի։ Կատերինա Իվանովնայի հետ ես միա՛յն իմ սեփական գործերը պետք է դասավորեի։ Ինքդ գիտես, որ, ընդհակառակը, Դմիտրին իրեն այնպես պահեց, կարծես խոսք մեկ էր արել ինձ հետ։ Ախր ես նրանից ոչինչ չէի խնդրել, իսկ ինքը հանդիսավոր կերպով Կատերինա Իվանովնային հանձնեց ինձ և օրհնեց։ Շատ զվարճալի է այդ բոլորը։ Չէ՜, չ՜է, Ալյոշա, եթե իմանայի՜ր, թե որքան թեթև եմ հիմա զգում ինձ։ Ահա այստեղ նստած ճաշում էի և, կհավատա՞ս, քիչ մնաց շամպայն պատվիրեի՝ ազատության առաջին ժամս առնելու համար։ Թյո՛ւ, համարյա կես տարի տևեց, և հանկարծ միանգամից, ամե՜ն ինչ միանգամից դեն գցեցի։ Նույնիսկ երեկ կարո՞ղ էի ենթադրել, որ ամենահեշտ բանն է վերջ տալ դրան, եթե ուզենամ։

— Դու քո սիրո՛ մասին ես խոսում, Իվան։

— Այո, սիրո մասին, եթե ուզում ես. սիրահարվել էի մի օրիորդի, մի ուսանողուհու։ Տանջվում էի նրա համար, և նա էլ տանջում էր ինձ։ Կպել էի նրան... և հանկարծ ամեն ինչ հօդս ցնդեց։ Այնտեղ ներշնչումով էի խոսում, իսկ երբ դուրս եկա՝ ծիծաղից պայթեցի, կհավատա՞ս։ Չէ, ճիշտ եմ ասում, ուղղակի ծիծաղեցի։

— Դու հիմա էլ այնպե՜ս ուրախ ես խոսում դրա մասին,— նկատեց Ալյոշան, դիտելով նրա դեմքը, որն իրոք զվարթացել էր հանկարծ։

— Դե՛հ, ի՞նչ իմանայի, որ բոլորովին չեմ սիրում նրան։ Հա՛֊հա՜։ Եվ ահա պարզվեց, որ չեմ սիրում։ Բայց որքա՜ն էր նա ինձ դուր գալիս։ Որքա՜ն էր դուր գալիս նույնիսկ այս առավոտ, երբ ճառ էի կարդում։ Եվ գիտե՞ս, հիմա էլ սոսկալի դուր է գալիս, բայց և ի՜նչ հեշտ է նրանից հեռանալը։ Կարծում ես սնապարծությո՞ւն եմ անում։

— Ոչ։ Միայն թե՝ գուցե դա սեր չէր։

— Ալյոշա,— ծիծաղեց Իվանը,— մի՛ սկսիր դատողություններ անել սիրո մասին։ Քեզ վայել չէ։ Առավոտյան ինչպե՜ս հանկարծ խոսքի մեջ ընկար, ինչպե՜ս։ Մոռացա էլ քեզ համբուրել դրա համար... Իսկ ինչպե՞ս էր նա ինձ տանջում։ Իրոք որ ջլատման կողքին էի նստած։ Օ՜, նա գիտեր, որ ես սիրում եմ իրեն։ Նա ինձ էր սիրում, ոչ թե Դմիտրիին,— ուրախ պնդեց Իվանը։— Դմիտրիի նկատմամբ նա իր հոգին է ջլատում պարզապես։ Ամեն ինչ, որ ասացի նրան այս առավոտ, կատարյալ ճշմարտություն է։ Միայն թե, և այս է ամենագլխավորը, գուցե տասնհինգ կամ քսան տարի է պետք, որպեսզի նա գլխի ընկնի, թե բնավ չի սիրում Դմիտրիին, այլ սիրում է միայն ինձ. ինձ, որին տանջում է։ Եվ գուցե երբեք էլ գլխի չի ընկնի, նույնիսկ չնայած այն դասին, որ ստացավ այսօր։ Դե ավելի լավ՝ ես էլ արդեն վերջնականապես մնաս բարով ասացի։ Ի դեպ, ի՞նչ է անում հիմա։ Ի՞նչ տեղի ունեցավ իմ գնալուց հետո։

Ալյոշան պատմեց Կատերինա Իվանովնայի հիստերիկ նոպայի մասին և ասաց, որ, իր լսելով, նա հիմա գիտակցությունը կորցրել է և զառանցում է։

— Իսկ չի՞ ստում Խոխլակովան։

— Կարծում եմ՝ ոչ։

— Պետք է ստուգել։ Թեև, հիստերիկայից ոչ ոք էլ չի մեռել երբեք։ Ի՞նչ կա որ, աստված է կանանց ուղարկել հիստերիկան՝ նրանց սիրելուց։ Բոլորովին էլ չեմ գնա այնտեղ։ Ինչո՞ւ նորից գլուխս փորձանքի մեջ գցեմ։

— Բայց այս առավոտ նրան ասացիր, որ ինքը երբեք չի սիրել քեզ։

— Դիտմամբ ասացի։ Ալյոշկա, արի շամպայն պատվիրեմ, խմենք իմ ազատության կենացը։ Ա՜խ, եթե իմանայիր, թե որքա՜ն եմ ուրախ։

— Ոչ, եղբայր, ավելի լավ է չխմենք,— ասաց հանկարծ Ալյոշան,— առանց այդ էլ՝ մի տեսակ տխուր եմ։

— Այո, դու վաղուց տխուր ես, նկատել եմ արդեն։

— Ուրեմն անպայմա՞ն պետք է մեկնես վաղը առավոտյան։

— Առավոտյա՞ն։ Ես չասացի՝ առավոտյան... Բայց գուցե և առավոտյան մեկնեմ։ Կհավատա՞ս, այսօր այստեղ ճաշեցի պարզ այն պատճառով, որ մեր ծերուկի հետ չճաշեմ, այնքա՜ն զզվում եմ այլևս նրանից։ Եթե միայն նա լիներ, արդեն վաղուց կթողնեի նրան ու կգնայի։ Իսկ դու ինչո՞ւ ես այդքան անհանգստանում իմ մեկնելով։ Դեռ աստված գիտե որքան ժամանակ ունենք մինչև հրաժեշտի պահը։ Մի ամբո՜ղջ հավիտենականություն, անմահություն։

— Եթե վաղը մեկնում ես, էլ ի՞նչ հավիտենականություն։

— Բայց դա ի՞նչ նշանակություն ունի մեր երկուսիս համար,— ծիծաղեց Իվանը,— միևնույն է՝ մենք կհասցնենք մեր հարցերից խոսել, մե՛ր հարցերից, որոնց համար էլ հենց եկել ենք այստեղ, չէ՞։ Ի՞նչ ես այդպես զարմացած նայում։ Պատասխանի՛ր, ինչո՞ւ մենք հանդիպեցինք այստեղ։ Որպեսզի խոսենք Կատերինա Իվանովնայի հանդեպ իմ սիրո՞ մասին, ծերուկի և Դմիտրիի՞ մասին։ Արտասահմանի՞ մասին։ Ռուսաստանի ճակատագրական դրությա՞ն մասին։ Իմպերատոր Նապոլեոնի՞ մասին։ Այդպե՞ս, դրա՞ համար ենք հանդիպել։

— Ոչ, դրա համար չէ։

— Ուրեմն ինքդ էլ հասկանում ես, թե ինչի համար։ Ուրիշներին մի բան է հետաքրքրում, իսկ մեզ՝ դեղնակտուցներիս՝ մի այլ բան. մենք ամենից առաջ պետք է հավիտենական հարցերը լուծենք, ահա մեր հոգսը։ Հիմա ամբողջ երիտասարդ Ռուսաստանը միայն ու միայն հավիտենական հարցերի մասին է խոսում, հենց հիմա, երբ բոլոր ծերերը հանկարծ սկսեցին գործնական հարցերով զբաղվել։ Դու ինչո՞ւ ամբողջ երեք ամիս ինձ նայում էիր ակնկալությամբ։ Որպեսզի հարց տաս ինձ. «Որպե՞ս հավատաս, և կամ թե ո՞չ հավատաս ամենևին»։ Ահա՛ թե ինչ իմաստ ունեին ձեր հայացքները երեք ամիս շարունակ, Ալեքսեյ Ֆյոդորովիչ, այդպես է, չէ՞։

— Գուցե և այդպես է,— ժպտաց Ալյոշան։— Ինձ վրա հո չե՞ս ծիծաղում հիմա, եղբա՛յր։

— Ես ծիծաղե՞մ։ Չեմ ուզում վշտացնել իմ ախպերիկին, որ երեք ամիս նայում էր ինձ այդպիսի ակնկալությամբ։ Ալյոշա, շիտակ նայիր ինձ. ախր ես ինքս էլ ճիշտ ու ճիշտ քեզ նման փոքրիկ տղա եմ, գուցե լոկ այն տարբերությամբ, որ նորընծա չեմ։ Եվ ի՞նչ է ռուս տղաների արած գործը մինչև հիմա, այսինքն որոշ տղաների։ Ահա այս գարշահոտ գինետունը, օրինակ, գալիս հավաքվում են այստեղ, նստում անկյունում։ Ամբողջ կյանքում իրար չեն ճանաչել, իսկ երբ դուրս գան գինետնից՝ էլի քառասուն տարի չեն հանդիպելու իրար։ Եվ ի՞նչ, նրանք ինչի՞ մասին են դատողություններ անելու, երբ մի թռուցիկ պահ են որսացել գինետանը։ Համաշխարհայի՛ն հարցերի մասին, և ոչ այլ ինչի. աստված կա՞, անմահություն կա՞։ Իսկ ովքեր չեն հավատում, դե նրանք էլ կխոսեն սոցիալիզմի ու անարխիզմի մասին, ամբողջ մարդկությունն ըստ նոր կարգի վերափոխելու մասին, այնպես որ նույն զահրումարն է դուրս գալիս, նույն հարցերը՝ միայն թե մյուս ծայրից։ Եվ բազմաթիվ, բազմաթիվ ամենաինքնատիպ ռուս տղաների արած գործը միայն այն է, որ հավիտենական հարցերի մասին են խոսում մեր այս օրերին։ Մի՞թե այդպես չէ։

— Այո, իսկապես ռուսների համար այդ հարցերը՝ կա՞ արդյոք աստված և կա՞ արդյոք անմահություն, կամ էլ, ինչպես ահա ինքդ ես ասում, մյուս ծայրից դիտված հարցերը, իհարկե, սկզբնական են և գալիս են ամեն բանից առաջ, և այդպես էլ պետք է լինի,— ասաց Ալյոշան, միշտ նույն մեղմ ու զննող ժպիտով դիտելով եղբորը։

— Գիտե՞ս ինչ, Ալյոշա, երբեմն բնավ խելոք բան չէ ռուս մարդ լինելը, բայց էլի դժվար է պատկերացնել ավելի հիմար բան, քան այն, ինչով զբաղվում են հիմա ռուս տղաները։ Բայց մի ռուս տղայի, Ալյոշային, սոսկալի սիրում եմ։

― Ի՜նչ հիանալի հարմարեցրիր,— ծիծաղեց հանկարծ Ալյոշան։

— Դե ասա ուրեմն, ինչի՞ց սկսենք, ինքդ հրամայիր։ Աստծո՞ւց։ Գոյություն ունի՞ աստված. այս հարցի՞ց։

— Ինչից ուզում ես սկսիր, թեկուզ «մյուս ծայրից»։ Չէ՞ որ երեկ հայրիկի մոտ հայտարարեցիր, որ աստված չկա,— քննախույզ նայեց Ալյոշան եղբորը։

— Երեկ ծերուկի մոտ ճաշելիս դիտմամբ ասացի այդ՝ քո հոգու հետ խաղալու համար, և տեսա, թե ինչպես աչուկներդ վառվեցին։ Բայց հիմա բոլորովին դեմ չեմ քեզ հետ բանակցելու, և սա շատ լուրջ եմ ասում։ Ուզում եմ քեզ հետ մտերմանալ, Ալյոշա, որովհետև բարեկամներ չունեմ, ուզում եմ փորձել։ Դե լավ ուրեմն, պատկերացրո՛ւ, գուցե ես էլ ընդունում եմ աստծուն,— ծիծաղեց Իվանը,— քեզ համար անակնկալ է, չէ՞։

— Այո, իհարկե, միայն եթե հիմա էլ չես կատակում։

— Կատակո՜ւմ։ Սրբահոր մոտ ասացին երեկ, թե ես կատակում եմ։ Գիտե՞ս ինչ, սիրելիս, տասնութերորդ դարում կար մի ծեր մեղապարտ, որ հայտարարեց, թե եթե չլիներ աստված պետք էր հնարել նրան, s’il n’existait pas Dieu, it faudrait l’inventeri։ Եվ իրոք մարդը հնարեց աստծուն։ Եվ ոչ թե այն է տարօրինակը, հրաշալի կլիներ ոչ թե այն, որ աստված իսկապես գոյություն ունենար, այլ հրաշալին այն է, որ այդպիսի մի գաղափար, աստծո անհրաժեշտության գաղափարը, կարողացել է մտնել այնպիսի մի վայրի ու չար կենդանու գլուխը, ինչպիսին մարդն է. այնքա՜ն որ սրբազան է այդ գաղափարը, այնքա՜ն հուզիչ, այնքա՜ն իմաստուն և այնքա՜ն պատիվ է բերում մարդուն։ Գալով ինձ, ես արդեն վաղուց որոշել եմ չմտածել՝ մա՞րդն է ստեղծել աստծուն, թե աստված՝ մարդուն։ Պարզ է, ես չեմ սկսի տնտղել ռուս տղաների բոլոր ժամանակակից աքսիոմները այդ նյութի շուրջ, աքսիոմներ, որոնք ամբողջությամբ քաղված են եվրոպական վարկածներից. այն, ինչ վարկած է այնտեղ, ռուս տղայի համար անմիջապես դառնում է աքսիոմ, և ոչ միայն տղաների, այլև նրանց պրոֆեսորների համար, որովհետև ռուս պրոֆեսորներն էլ հիմա շատ հաճախ նույն ռուս տղաներն են։ Ուստի զանց եմ առնում բոլոր վարկածները։ Ի՞նչ է հիմա մեր խնդիրը։ Այն, որ ես կարողանամ հնարավորին չափ շուտ բացատրել քեզ իմ էությունը, այսինքն թե ի՛նչ մարդ եմ ես, ի՛նչ բանի եմ հավատում և ինչի՛ վրա եմ դնում իմ հույսը, այս է, ա՛յս է խնդիրը, չէ՞։ Ուստի և հայտարարում եմ, որ ուղղակի և պարզապես ընդունում եմ աստծուն։ Բայց պետք է նշեմ ահա հետևյալը. եթե աստված կա և եթե իրոք նա ստեղծել է երկիրը, ապա, ինչպես բացարձակորեն հայտնի է մեզ, ստեղծել է ըստ էվկլիդյան երկրաչափության, իսկ մարդկային միտքը՝ տարածության լոկ երեք չափերի հասկացությամբ։ Այնինչ եղել են և նույնիսկ հիմա էլ կան երկրաչափներ ու փիլիսոփաներ, անգամ ամենակարկառուն դեմքերից, որոնք տարակուսում են, որ ամբողջ տիեզերքը կամ, ավելի լայն առումով, ամբողջ գոյությունը ստեղծված լինի միայն ըստ էվկլիդյան երկրաչափության. նրանք նույնիսկ հանդգնում են երազել, թե երկու զուգահեռ գծեր, որոնք ըստ Էվկլիդի ոչ մի կերպ չեն կարող իրար հանդիպել երկրի վրա, գուցե հանդիպեն անհունության մեջ որևէ մի տեղ։ Ես, սիրելիս, եկել եմ այն եզրակացության, որ եթե նույնիսկ ա՛յդ չեմ կարող հասկանալ, էլ ո՜ւր մնաց որ աստծո մասին որևէ բան հասկանամ։ Եվ խոնարհաբար գիտակցում եմ, որ ոչ մի ընդունակություն չունեմ այսպիսի հարցեր լուծելու, իմ խելքը էվկլիդյան է, երկրային, ուստի մեր ի՜նչ բանն է լուծել հարցեր, որոնք այս աշխարհին չեն պատկանում։ Եվ քեզ էլ խորհուրդ եմ տալիս երբեք չմտածել այդ մասին, սիրելիդ իմ Ալյոշա, և նամանավանդ աստծո մասին՝ կա՞, թե չկա։ Դրանք բոլորը բացարձակապես խորթ հարցեր են այն խելքի համար, որ ստեղծված է միայն երեք չափերի հասկացողությամբ։ Այսպես ուրեմն, ընդունում եմ աստծուն և ոչ միայն ուրախությամբ, այլև, ավելին, ընդունում եմ և իմաստությունը նրա, նպատակը նրա, որոնք բացարձակապես անծանոթ են մեզ, հավատում եմ կյանքի կարգուսարքին, իմաստին, հավատում եմ հավիտենական ներդաշնակության, որի մեջ իբրև թե միաձուլվելու ենք բոլորս, հավատում եմ Բանին, որին ձգտում է ամբողջ տիեզերքը, և որ է «առ աստված», և որ ինքն է աստված, դե և այլն, և այլն, և այլն մինչև անհունություն։ Այս բոլորի մասին բազում խոսքեր են հորինված։ Կարծես թե ճիշտ ճանապարհի վրա եմ, չէ՞։ Դե հիմա պատկերացրու, որ վերջին հաշվով աստծո այս աշխարհը չեմ ընդունում, ու թեև գիտեմ, որ գոյություն ունի, բայց մեկ է՝ բոլորովին չեմ ընդունում։ Ես ոչ թե աստծուն չեմ ընդունում, հասկացի՛ր դու ինձ, ես նրա ստեղծած աշխարհը՝ աստծո աշխա՛րհը չեմ ընդունում և չեմ կարող համաձայն լինել ընդունելու։ Ավելի պարզ ասեմ։ Երեխայի նման հավատում եմ, որ տառապանքները կամոքվեն ու կհարթվեն, մարդկային հակասությունների ամբողջ վիրավորական զավեշտը կանհետանա ողորմելի միրաժի նման, իբրև մարդու սակավազոր և ատոմի չափ փոքր էվկլիդան խելքի նողկալի հնարանք, և վերջապես աշխարհի ավարտին, հավերժական ներդաշնակության պահին, տեղի կունենա և կհայտնվի այնքա՜ն թանկագին մի բան, որ լիուլի կբավարարի բոլոր սրտերը, կհանգստացնի բոլոր վրդովմունքները, կքավի մարդկանց բոլոր չարագործությունները, նրանց թափած ամբողջ արյունը, և հնարավոր կդարձնի ոչ միայն ներել, այլև արդարացնել ամեն ինչ, որ եկել է մարդկանց գլխին,— թո՛ղ լինի, թո՛ղ լինի ու հայտնվի այդ ամբողջը, բայց ես չե՛մ ընդունում այդ և չեմ ուզում ընդունել։ Թող նույնիսկ զուգահեռ գծերը հանդիպեն և ինքս տեսնեմ այդ. կտեսնեմ ու կասեմ, որ հանդիպել են, բայց այնուամենայնիվ չեմ ընդունի։ Ահա իմ էությունը, Ալյոշա, ահա իմ թեզը։ Սա արդեն լուրջ եմ ասում քեզ։ Ես դիտմամբ մեր խոսակցությունն սկսեցի այնպես, որ ավելի հիմար ձևով չէր էլ կարելի սկսել, բայց հասցրի իմ խոստովանության, որովհետև հենց այդ էլ քո ուզածն է։ Դու ոչ թե աստծո մասին էիր ուզում լսել, այլ ուզում էիր իմանալ, թե ինչով է ապրում քո սիրած եղբայրը։ Ես էլ ահա ասացի։

Իվանը իր երկար ճառն ավարտեց ինչ-որ հատուկ և անսպասելի զգացմունքով։

— Իսկ ինչո՞ւ սկսեցիր այնպես, որ «ավելի հիմար ձևով չէր էլ կարելի սկսել»,— հարցրեց Ալյոշան, մտածկոտ նայելով նրան։

— Դե, նախ և առաջ, թեկուզ ռուսականության սիրույն, այսպիսի նյութերի մասին ռուսական խոսակցություններն արվում են այնպես, որ ավելի հիմար ձևով չի էլ կարելի անել։ Եվ երկրորդ՝ դարձյալ որքան ավելի հիմար է մի բան, այնքան ավելի մոտ է բուն խնդրին։ Որքան ավելի է հիմար, այնքան ավելի պարզ է։ Հիմարությունը կարճ է և պարզամիտ, իսկ խելոքությունը խորամանկ խաղեր է անում և թաքնվում է։ Խելոքությունը ստոր է, իսկ հիմարությունը շիտակ է և ազնիվ։ Ես բանը հասցրի իմ հուսահատության, և որքան ավելի հիմար ներկայացրի, այնքան ավելի նպաստավոր է ինձ համար։

— Կբացատրե՞ս ինձ, թե ինչու «չես ընդունում աշխարհը»,— ասաց Ալյոշան։

— Իհարկե կբացատրեմ, գաղտնիք չէ, հենց դրան էլ բերում էի խոսքը։ Իմ թանկագին ախպերիկ, ես ոչ թե քեզ այլասերել ու քո խարսխից պոկել եմ ուզում, այլ գուցե ի՛նձ եմ ուզում բուժել քո միջոցով,— ժպտաց հանկարծ Իվանը՝ ճիշտ մի փոքրիկ, հեզ տղայի նման։ Ալյոշան դեռ երբեք այդպիսի ժպիտ չէր տեսել նրա դեմքին։


IV։ Ըմբոստություն

— Ես քեզ մի բան պետք է խոստովանմ,— սկսեց Իվանը։— Երբեք չեմ կարողացել հասկանալ, թե ինչպես կարելի է սիրել մերձավորներին։ Հենց մերձավորներին էլ, ըստ իս, անհնար է սիրել, իսկ հեռավորներին՝ գուցե։ ժամանակին, չեմ հիշում որտեղ, մի պատմություն եմ կարդացել «Հովհան Ողորմածի» մասին (մի սուրբի). երբ անոթի, սառած մի անցորդ գալիս է մոտը և խնդրում տաքացնել իրեն, սուրբը նրա հետ պառկում է նույն անկողնում, գրկում է և սկսում շունչ տալ նրա բերանին, որ սարսափելի մի հիվանդությունից թարախակալվել էր և գարշելի հոտում էր։ Համոզված եմ, որ նա այդ արել է կեղծիքի ճնշման տակ, պարտականության հարկադրած սիրո դրդումով, հանձն առած ապաշխարանքի ստիպմամբ։ Որպեսզի սիրես մարդուն, պետք է նա թաքնվի. բավական է, որ դեմքը ցույց տա մի քիչ կորա՜վ սերը։

— Հայր Զոսիման քանիցս խոսել է այդ մասին,— նկատեց Ալյոշան,― նա ևս ասել է, որ շատերի համար, ովքեր անփորձ են սիրո մեջ, մարդու դեմքը հաճախ արգելք է լինում սիրելու։ Բայց և մարդկության մեջ շատ-շատ է սերը, և համարյա քրիստոսանման սերը, ես այդ ինքս գիտեմ, Իվան...

— Է՜հ, իսկ ես դեռ չգիտեմ այդ բանը և չեմ էլ կարող հասկանալ, և ինձ հետ՝ անթիվ-անհամար մարդիկ նույնպես։ Հարցն այն է, որ արդյոք դրա պատճառը մարդկանց վատ հատկություններն են, թե հենց նրանց բնությունն է այդպես։ Ըստ իս, մարդկանց նկատմամբ Քրիստոսի սերը մի տեսակ անկարելի հրաշք է այս երկրի վրա։ Ճիշտ է, նա աստված էր։ Բայց հո մենք աստվածներ չենք։ Ենթադրենք, թե ես, օրինակ, խորապես տառապում եմ, բայց ուրիշը երբեք չի կարող իմանալ, թե որքան ուժեղ է իմ տառապանքը, որովհետև նա ուրիշ է, ոչ թե ես. և բացի այդ՝ մարդը հազիվ թե համաձայն լինի ընդունելու, որ ուրիշը տառապում է (կարծես դա մի արժանիք լինի)։ Ի՛նչ ես կարծում, ինչո՞ւ չի ընդունի։ Որովհետև, օրինակ, վատ հոտ է գալիս ինձնից, որովհետև ես հիմար դեմք ունեմ, կամ որովհետև մի ժամանակ նրա ոտքն եմ կոխել։ Հետո, տառապանք կա տառապանք էլ կա. նվաստ տառապանքը, որ ինձ ստորացում է, ասենք քաղցը, դեռ կարող է ընդունելի լինել իմ բարերարի համար. բայց եթե մի քիչ ավելի բարձր տառապանք է, ասենք հանուն գաղափարի, ո՜չ, նա հազիվ թե ընդունի այդ, որովհետև, դիցուք, կնայի ինձ և հանկարծ կտեսնի, որ իմ դեմքը բոլորովին էլ այն չէ, ինչ ըստ նրա երևակայության պետք է լինի այսինչ գաղափարի համար տառապող մարդու դեմքը։ Եվ ահա, անմիջապես ինձ կզրկի իր շնորհներից, նույնիսկ առանց որևէ չարասրտության։ Մուրացկանները, հատկապես ազնիվ մուրացկանները, երբեք չպետք է դրսում երևան, այլ թերթերի միջոցով ողորմություն խնդրեն։ Մարդ դեռ կարող է վերացականորեն սիրել մերձավորին, երբեմն նույնիսկ հեռվից սիրել, բայց մոտից՝ գրեթե երբեք։ Եթե ամեն ինչ լիներ այնպես, ինչպես բեմի վրա, բալետում, ուր մուրացկանները դուրս են գալիս մետաքսե ցնցոտիներ ու պատռտած ժանյակներ հագած և ողորմություն են խնդրում շնորհալի պարելով, դե այդ դեպքում կարելի կլիներ սիրով նայել նրանց։ Սիրով նայել, բայց, համենայն դեպս, ոչ թե սիրել։ Սակայն բավական է այս մասին։ Իմ նպատակն էր պարզապես քեզ մոտեցնել իմ տեսակետին։ Ես ուզում էի խոսել ընդհանրապես մարդկության տառապանքի մասին, բայց ավելի լավ է կանգ առնենք միայն երեխաների տառապանքի վրա։ Դրանով իմ փաստարկության չափերը տասնապատիկ պակաս կլինեն, բայց դե ավելի լավ է խոսենք միայն երեխաներից։ Պարզ է, դա նվազ նպաստավոր է ինձ համար։ Սակայն, նախ և առաջ, երեխաներին կարելի է սիրել նույնիսկ մոտից, նույնիսկ երբ կեղտոտ են, նույնիսկ եթե տգեղ են դեմքով (թեև ես կարծում եմ, որ երեխաները երբեք տգեղ չեն լինում)։ Եվ հետո, մեծերի մասին չեմ խոսելու նաև այն պատճառով, որ նրանք, սիրո անարժան և զզվելի լինելուց բացի, հատուցում էլ են ստացել. կերել են խնձորը, իմացել չարն ու բարին և դարձել «իբրև զաստուածս»։ Եվ հիմա էլ շարունակում են ուտել։ Իսկ փոքրիկները ոչինչ չեն կերել և դեռ լրիվ անմեղ են։ Սիրո՞ւմ ես երեխաներին, Ալյո՛շա։ Գիտեմ, որ սիրում ես, և դու կհասկանաս, թե ինչու հիմա ուզում եմ միայն նրանց մասին խոսել։ Եթե նրանք նույնպես սարսափելի տառապում են երկրի վրա, ապա անշուշտ տառապում են իրենց հայրերի մեղքով, պատժված են իրենց հայրերի համար, որոնք խնձորն են կերել. բայց այդ տրամաբանությունը մյուս աշխարհին է պատկանում և մարդկային սրտին անհասկանալի է այստեղ երկրի վրա։ Անմեղը չպետք է տառապի ուրիշի մեղքով, այն էլ այդպիսի՛ անմեղը։ Զարմացի՛ր ինձ վրա, Ալյոշա, ես նույնպես սոսկալի սիրում եմ փոքրիկներին։ Եվ նկատի ունեցիր, որ դաժան մարդիկ, կրքոտ, գիշատիչ, կարամազովյան մարդիկ երբեմն շատ են սիրում երեխաներին։ Երեխաները, քանի դեռ երեխա են, մինչև յոթ տարեկան օրինակ, սոսկալի տարբերվում են մարդկանցից. ասես բոլորովին ուրիշ էակներ լինեն՝ ուրիշ բնությամբ։ Բանտում ճանաչում էի մի ավազակի, որն իր հանցագործությունների ընթացքում, գիշերները կողոպուտի համար մտնելով տները, ամբողջ ընտանիքներ կոտորելով, միաժամանակ սպանել է նաև մի քանի երեխայի։ Սակայն երբ նստած էր բանտում, նա տարօրինակ կերպով սիրում էր նրանց։ Լուսամուտից անընդհատ նայում էր բանտի բակում խաղացող երեխաներին։ Մի փոքրիկ տղայի սովորեցրել էր գալ իր մոտ, լուսամուտի տակ, և տղան կարգին բարեկամացավ նրա հետ... Չգիտե՞ս ինչու եմ այս բոլորն ասում, Ալյոշա։ Գլուխս ցավում է մի տեսակ և տխուր եմ։

— Տարօրինակ տեսքով ես խոսում,— անհանգիստ նկատեց Ալյոշան,— կարծես մի տեսակ ցնորվել ես։

— Ի դեպ, վերջերս Մոսկվայում մի բուլղարացի ինձ պատմում էր,— շարունակեց Իվան Ֆյոդորովիչը, ասես նույնիսկ չլսելով եղբորը,— թե ինչպես թուրքերն ու չերքեզներն այնտեղ, Բուլղարիայում, համատարած խժդժություններ են անում, վախենալով սլավոնների ընդհանուր ապստամբությունից. այսինքն այրում են, կոտորում, բռնաբարում են կանանց ու երեխաներին, գերիների ականջները գամում են ցանկապատին և այդպես թողնում մինչև առավոտ, իսկ առավոտյան կախում են նրանց. և նման շատ բաներ, որ երևակայելն անգամ անհնար է։ Իրոք, երբեմն խոսում են մարդու «գազանային» դաժանությունների մասին, բայց դա սոսկալի անարդարություն ու վիրավորանք է գազանների նկատմամբ, գազանը երբեք չի կարող այնքան դաժան լինել, որքան մարդը, այնպես արտիստաբար, այնպես գեղարվեստորե՜ն դաժան։ Վագրը պարզապես հոշոտում է, պատառոտում, և ա՛յդ միայն կարող է անել։ Նրա մտքովն անգամ չէր անցնի մարդկանց ականջները գամել ցանկապատին և ամբողջ գիշերը թողնել այդպես, եթե նույնիսկ ի վիճակի լիներ անելու այդ բանը։ Իսկ այդ թուրքերը, ի միջի այլոց, հեշտասիրությամբ տանջել են նաև երեխաներին, մոր արգանդից դաշույնով կտրել֊հանելուց սկսած մինչև ծծկեր երեխաներին վեր նետելը և սվինի ծայրով բռնելը՝ այն էլ մո՛ր աչքերի առաջ հենց բուն հեշտանքն էլ մո՛ր աչքերի առաջ անելն էր։ Բայց ահա այսպիսի մի տեսարան հատկապես հետաքրքրել է ինձ։ Պատկերացրու. ծծկեր մանկիկը՝ դողահար մոր ձեռքերին, շուրջը՝ ներխուժած թուրքեր։ Նրանք մի զվարճալի խաղ են սկսել. փայփայում են փոքրիկին, ծիծաղում են, որպեսզի նրան էլ ծիծաղեցնեն, և հաջողում են, մանկիկը ծիծաղում է։ Այդ րոպեին թուրքը նրա վրա ատրճանակ է ուղղում՝ դեմքից չորս մատնաչափ հեռավորությամբ։ Մանկիկը ուրախ ծլվլում է, թաթիկները երկարում, որ բռնի ատրճանակը, և արտիստը հանկարծ չրթացնում է բլթակը ուղիղ նրա երեսին, ջախջախում նրա գլխիկը... Արվեստ է, այնպես չէ՞։ Ի դեպ, ասում են, որ թուրքերը քաղցրավենիք շատ են սիրում։

— Եղբա՛յր, ինչո՞ւ ես պատմում այդ բոլորը,— հարցրեց Ալյոշան։

— Ես կարծում եմ, որ եթե սատանան գոյություն չունի և ուրեմն մարդն է ստեղծել նրան, ապա ստեղծել է իր կերպարանքով ու նմանությամբ։

— Ուրեմն այնպես, ինչպես ստեղծել է աստծուն։

— Դու զարմանալիորեն կարողանում ես շուռ տալ բառերը, ինչպես ասում է Պոլոնիուսը «Համլետում»,— ծիծաղեց Իվանը։— Ինձ խոսքի վրա բռնեցիր. լա՜վ, թող այդպես լինի, ուրախ եմ։ Հիանալի՜ է ուրեմն քո աստվածը, եթե նրան մարդն է ստեղծել իր կերպարանքով ու նմանությամբ։ Դու հիմա հարցրիր, թե ինչու եմ պատմում այս բոլորը։ Գիտե՞ս ինչ, ես սիրում ու հավաքում եմ որոշ աննշան փաստեր, և կհավատա՞ս, որ նույնիսկ գրի եմ առնում որոշ տեսակի անեկդոտներ թերթերից ու զրույցներից, որտեղ պատահի, և արդեն մի լավ հավաքածու ունեմ։ Թուրքերն անշուշտ մտել են հավաքածուի մեջ, բայց նրանք օտարներ են։ Ես հայրենի նմուշներ էլ ունեմ և նույնիսկ ավելի լավ, քան թուրքականները։ Գիտես, մեզ մոտ ավելի շատ է ծեծը՝ ճիպոտն ու մտրակը, և դա ազգային հատկանիշ է։ Ականջ գամելն աներևակայելի բան է մեզ մոտ, մենք այնուամենայնիվ եվրոպացիներ ենք, բայց ճիպոտը, բայց մտրակը՝ այդ արդեն մե՛զ հատուկ բան է, ոչ ոք չի կարող խլել մեզնից։ Արտասահմանում, թվում է, բնավ չեն ծեծում հիմա, դե՜հ, մի գուցե բարքերն են ազնվացել կամ էլ գուցե այնպիսի օրենքներ են դրել, որ կարծես թե մարդն այլևս չի համարձակվում ծեծել մարդուն։ Բայց դրա տեղը հանել են մի ուրիշ բանով, որ նույնպես զուտ ազգային է, ինչպես մերը, և այնքան ազգային, որ դրա կիրառումն ասես անհնար է մեզ մոտ, թեև, ճիշտ ասած, կարծեմ մեզ մոտ էլ դա հող է գտնում, մանավանդ այն օրից, երբ մեր բարձր դասի մեջ սկսվեց կրոնական շարժումը։ Ես մի հիանալի գրքույկ ունեմ, ֆրանսերենից թարգմանված, ուր պատմվում է, թե ինչպես Ժնևում, հենց վերջերս, ընդամենը հինգ տարի առաջ, մահապատժի են ենթարկել Ռիշար անունով մի չարագործի ու մարդասպանի՝ կարծեմ քսաներեքամյա մի պատանու, որ զղջացել ու քրիստոնեական հավատքին է հարել հենց կառափնարանի շեմին։ Այս Ռիշարն ինչ֊որ մեկի ապօրինի զավակ է եղել, և դեռ վեց տարեկան երեխա՝ ծնողները նրան նվիրել են ինչ-որ շվեյցարացի լեռնական հովիվների, սրանք էլ մեծացրել են նրան, որ աշխատեցնեն իրենց մոտ։ Եվ տղան մեծացել է գազանի ձագի նման, հովիվները նրան ոչինչ չեն սովորեցրել, ընդհակառակը, արդեն յոթ տարեկանից, ուղարկել են հոտն արածեցնելու, թացին ու ցրտին, համարյա մերկ և համարյա անոթի թողնելով նրան։ Եվ, իհարկե, նրանցից ոչ մեկն իր արածի վրա չէր մտածում ու չէր զղջում, ընդհակառակը, լրիվ իրավացի էր համարում իրեն, որովհետև նրանք Ռիշարին ստացել էին իբրև մի իր և նույնիսկ անհրաժեշտ չէին գտնում նրան կերակրել։ Ռիշարն ինքը վկայում է, որ այդ տարիներին, ավետարանի անառակ որդու նման, սոսկալի ուզում էր ուտել գոնե այն խառնակերը, որով կերակրում էին ծախու խոզերին, բայց այդ էլ չէին տալիս և նույնիսկ ծեծում էին, երբ նա կերը գողանում էր խոզերից։ Եվ այդպես անց է կացնում իր ամբողջ մանկությունն ու ամբողջ պատանեկությունը, մինչև մեծանում է, ուժեղանում և գնում գողությամբ զբաղվելու։ Վայրենի տղան սկսում է դրամ շահել օրավարձով աշխատելով Ժնևում, շահածը խմում է, ապրում ճիվաղի նման և վերջը լինում է այն, որ սպանում ու կողոպտում է ինչ-որ ծերունու։ Նրան բռնում են, դատում և դատապարտում մահվան։ Այնտեղ հո զգացմունքներով չեն շարժվում։ Եվ ահա բանտում անմիջապես նրան շրջապատում են պաստորները և զանազան քրիստոսասեր եղբայրությունների անդամները, բարեգործ տիկինները և այլն։ Բանտում նրան կարդալ ու գրել են սովորեցնում, մեկնում են ավետարանը, հորդորում, համոզում, ճնշում, նեղում, հոգին հանում, և վերջապես նա ինքը հանդիսավոր կերպով խոստովանում է իր ոճիրը։ Նա ուղղվում է, անձամբ գրում դատարանին, որ ինքը ճիվաղ է, բայց որ վերջ ի վերջո ինքն էլ արժանի եղավ լուսավորվելու աստծո շնորհով։ Ամբողջ Ժնևը հուզվում է, ամբողջ բարեգործ ու բարեպաշտ Ժնևը։ Բարձր դասի և բարեկիրթ բոլոր մարդիկ վազում են նրան տեսնելու բանտում։ Համբուրում են, գրկում Ռիշարին. «Դու եղբա՜յրն ես մեր, շնո՜րհ իջավ քո վրա»։ Իսկ Ռիշարը խանդաղատանքով լաց է լինում միայն. «Այո, շնո՜րհ իջավ իմ վրա։ Իմ ամբողջ մանկությանն ու պատանեկությանը ուրախանում էի խոզի կերի համար, իսկ հիմա իմ վրա ևս շնորհ իջավ, մեռնում եմ ի Տեր»։— «Այո՛, այո՛, Ռիշար, մեռի՛ր ի Տեր, դու արյուն թափեցիր և պետք է մեռնես ի Տեր։ Ի՜նչ փույթ թե դու մեղք չունեիր, որ բոլորովին չէիր ճանաչում Տիրոջ, երբ նախանձում էիր խոզերի կերին և երբ քեզ ծեծում էին նրանց կերը գողանալուդ համար (և շատ վատ էիր անում, վասնզի գողանալն արգելված է), բայց դու արյուն թափեցիր և պետք է մեռնես»։ Եվ ահա հասնում է վերջին օրը։ Ռիշարը, ուժասպառ, լաց է լինում անընդհատ և ամեն րոպե կրկնում. «Իմ կյանքի լավագույն օրն է այսօր, գնում եմ Տիրոջ մոտ»։— «Այո՜,— գոռում են պաստորները, դատավորները և բարեգործ տիկինները,— երջանկագո՜ւյն օրն է քո կյանքի, վասնզի գնում ես Տիրո՜ջ մոտ»։ Եվ այդ ամբողջ թափորը, անարգանքի սայլի ետևից, որի մեջ տանում են Ռիշարին, շարժվում է դեպի կառափնարան՝ հետիոտն, կառքերով։ Հասնում են կառափնարան։ «Մեռի՛ր, եղբայր մեր,— գոռում են Ռիշարին,— մեռի՛ր ի Տեր, վասնզի քո վրա ևս շնորհ իջավ»։ Եվ ահա, եղբայրների համբույրներով ծածկված եղբայր Ռիշարին քարշ են տալիս կառափնարան, բերում գիլյոտինի մոտ և հենց եղբայրաբար էլ թռցնում են գլուխը, որովհետև նրա՜ վրա ևս շնորհ էր իջել։ Չէ՜, դա բնորոշ բան է։ Մեր բարձր դասի ինչ-որ բարեգործներ, որոնք տարված են լութերականությամբ, ռուսերեն են թարգմանել այդ գրքույկը և ձրի տարածել թերթերի ու այլ հրատարակությունների հետ՝ ռուս ժողովրդի լուսավորության համար։ Ռիշարի դեպքը հետաքրքրական է նրանով, որ ազգային է։ Թեև մեզ մոտ անհեթեթ բան է գլուխը կտրել լոկ այն պատճառով, որ նա մեր եղբայրն է դարձել և շնորհ է իջել նրա վրա, բայց, կրկնում եմ, մենք էլ մեզ հատուկ բաներ ունենք, և համարյա նույնքան հետաքրքրական։ Ծեծելով տանջելը մեր պատմական, մեր անմիջական հաճույքն է։ Նեկրասովն իր մի բանաստեղծության մեջ պատմում է, թե ինչպես մուժիկը մտրակով խփում է իր ձիու աչքերին, «հեզ աչքերին»։ Ո՞վ չի տեսել այդ։ Տիպիկ ռուսական բան։ Նկարագրված է, թե ինչպես մի վատուժ ձիուկ կքել է չափազանց ծանր բեռի տակ և չի կարողանում քարշ տալ։ Մուժիկը ծեծում է նրան, ծեծում մոլեգնորեն, վերջապես ծեծում է առանց հասկանալու, թե ինչ է անում, ծեծելուց հարբած տալիս է ու տալիս մտրակով. «Թեկուզ վեր է ուժիցդ, բայց քաշի՛, մեռի, բայց քաշի՛»։ Խեղճ ձիուկը ձգվում է առաջ, և ահա մուժիկը սկսում է մտրակով խփել անպաշտպան կենդանու լացող աչքերին, «հեզ աչքերին»։ Ցավից խենթացած, ձիուկը պոկվում է տեղից, տանում բեռը, գնում ամբողջ մարմնով դողալով, շունչը պահած, մի տեսակ թեք, ոստոստուն, մի տեսակ անբնական ու ամոթալի ձևով. սարսափելի է նկարագրում Նեկրասովը։ Բայց դա դեռ ձի է միայն, աստված ինքը ձիերին ստեղծել է ծեծի համար։ Թաթարներն այդպես բացատրեցին մեզ և մտրակն էլ նվիրեցին ի հիշատակ։ Սակայն մարդկանց էլ ախր կարելի է ծեծել։ Եվ ահա ուրեմն մի զարգացած, բարեկիրթ պարոն և իր տիկինը ճիպոտներով ծեծում են իրենց սեփական երեխային՝ յոթ տարեկան մի աղջնակի։ Ես մանրամասն գրած ունեմ այդ դեպքը։ Հայրիկն ուրախ է, որ ճիպոտների վրա ոստեր կան։ «Ավելի լավ կդաղի», ասում է նա և սկսում «դաղել» իր հարազատ աղջկան։ Եվ վստահ գիտեմ, կան ծեծողներ, որ յուրաքանչյուր հարվածից գրգռվում են, հասնում հեշտասիրության, բառացիորեն հեշտասիրության, ամեն մի հաջորդ հարվածից ավելի ու ավելի են տաքանում, հարաճուն կերպով։ Ծեծում են մի րոպե, ծեծում հինգ րոպե, տասը րոպե, ավելի արագ, ավելի, ավելի, թափով, ուժգին, վայրագ։ Երեխան ճչում է, ճչում, ի վերջո էլ չի կարողանում ճչալ, աղաչում է շնչահեղձ. «Հայրի՛կ, հայրի՛կ, հայրի՛կ ջա՜ն, հայրի՜կ»։ Գործն իբրև սարսափելի անվայել մի դեպք հասնում է դատարան։ Փաստաբան է վարձվում։ Ռուս ժողովուրդն արդեն վաղուց փաստաբանին կոչել է «վարձու խիղճ»։ Փաստաբանը կոկորդն է պատռում իր պաշտպանյալի օգտին։ Թե՝ «այնքա՜ն պարզ բան է, ընտանեկան հասարակ պատմություն, հայրը դնգստել է աղջկան, և ամո՜թ մեր ապրած ժամանակին, որ սա հասնում է դատարան»։ Ատյանը համոզվում է և արդարացնող վճիռ արձակում։ Հասարակությունը ոռնում է ուրախությունից, որ արդարացրին տանջողին։ Ախ ափսո՜ս, ես այնտեղ չէի, ես էլ իմ առաջարկությունը կբղավեի, որ մի թոշակ հաստատեն տանջողի պատվին... Գեղեցի՜կ տեսարաններ են։ Բայց երեխաների մասին է՛լ ավելի լավ բաներ ունեմ, ես շատ, շատ պատմություններ եմ հավաքել ռուս երեխաների մասին, Ալյոշա։ Հինգ տարեկան մի փոքրիկ աղջնակի ատում են հայրն ու մայրը՝ «մեծահարգ ու բարձրաստիճան մարդիկ, բարեկիրթ ու զարգացած»։ Հասկանո՞ւմ ես, կրկնում ու պնդում եմ նորից, որ մարդկության մեջ շատ-շատերն ունեն այդ բնորոշ հատկությունը՝ սիրում են տանջել երեխաներին և միայն երեխաներին։ Այդ նույն տանջողները, որպես զարգացած ու մարդասեր եվրոպացիներ, հեզ ու բարեհաճ վերաբերմունք ունեն մարդկային ցեղի բոլոր մյուս ներկայացուցիչների նկատմամբ, բայց շատ են սիրում տանջել երեխաներին, և երեխաներին էլ հենց այդ կերպ են սիրում։ Տանջողներին գայթակղեցնում է այդ փոքրիկ արարածների հենց անպաշտպան լինելը. երեխան հրեշտակային վստահություն ունի, ոչ մի տեղ չի կարող գնալ, ոչ ոքի չի կարող ապավինել, և հենց այդ էլ բորբոքում է տանջողի գարշելի արյունը։ Ամեն մի մարդու մեջ, անշուշտ, գազան է թաքնված, ցասկոտության գազանը, տանջվող զոհի ճիչերից հեշտասիրաբար բորբոքվող գազանը, շղթայից պոկված, սանձարձակ գազանը, անառակ կյանքի մեջ վաստակած հոդատապի, լյարդի բորբոքման և այլ հիվանդությունների գազանը։ Այդ կրթված ծնողները ամեն տեսակ տանջանքի են ենթարկում հինգ տարեկան այս խեղճ աղջնակին։ Ծեծում են, ձաղկում, ոտքերով խփում, ինչո՞ւ, իրենք էլ չգիտեն, և կապտեցնում են աղջնակի ամբողջ մարմինը։ Վերջապես հասնում են նաև դաժանության ամենանրբին ձևին. ցրտին, սառնամանիքին բանտարկում են նրան արտաքնոցում, ամբողջ գիշեր, և որովհետև երեխան գիշերը չի ասել, թե բնական պետք ունի (կարծես թե հինգ տարեկան երեխային կարելի է դեռ այն էլ սովորեցնել, որ այդ տարիքին զարթնի իր հրեշտակային խորունկ քնից և ասի թե բնական պետք ունի), նրա ամբողջ երեսին քսում են իր սեփական կղկղանքը, ստիպում են նաև այդ կղկղանքն ուտել, և մա՜յրն է, մա՜յրն է ստիպում։ Եվ այդ մայրը կարող է հանգիստ քնել, երբ գիշերը նրան հասնում էին խեղճ մանկիկի տնքոցները, այդ անարգ տեղում բանտարկվա՜ծ մանկիկի։ Դու հասկանո՞ւմ ես, ինչ է դա. մի փոքրի՜կ էակ, որ դեռ չի կարող ըմբռնել, թե ինչ են անում իրեն, իր մանրիկ բռունցքով ծեծում է իր տանջահար կրծքիկն այդ կեղտոտ տեղում, մթանը և ցրտին, և իր արյունախառն, անչար, հեզ արցունքներով լաց է լինում «աստվածիկին», որ նա պաշտպանի իրեն։ Հասկանո՞ւմ ես արդյոք այդ բանդագուշանքը, սիրելիդ իմ բարեկամ ու եղբայր իմ, աստծո հեզ ու խոնարհ դու նորընծա, հասկանո՞ւմ ես արդյոք, թե ինչի՞ է պետք, ինչո՞ւ է ստեղծվել այդ բանդագուշանքը։ Ասում են, առանց դրան մարդը չէր էլ կարող գոյատևել երկրի վրա, որովհետև չէր կարողանա ճանաչել չարն ու բարին։ Իսկ ինչու՞ ճանաչել այդ դժոխքի ծնունդ չարն ու բարին, երբ այդքան ծանր է դրա գինը։ Այո՛, իմացության ամբո՜ղջ աշխարհը չարժե այդ մանկիկի արցունքները «աստվածիկին» ուղղված։ Ես չեմ խոսում մեծերի տառապանքի մասին, նրանք խնձոր են կերել, և նրանց հերն էլ անիծած, գրո՛ղը տանի դրանց բոլորին, բայց այս փոքրիկնե՜րը, փոքրիկնե՜րը։ Տանջում եմ քեզ, Ալյոշկա, երևում է, որ հուզված ես։ Վերջ տամ, եթե ուզում ես։

— Ոչինչ, ես էլ ուզում եմ տանջվել,— մրմնջաց Ալյոշան։

— Մի պատկեր ևս, միայն մեկը, այն էլ զուտ հետաքրքրության համար, որովհետև շատ բնորոշ է, և գլխավորը՝ հենց նոր եմ կարդացել մեր հնությունների մի ժողովածուում, «Արխիվո՞ւմ» էր, թե «Ստարինայում», պետք է ստուգել, նույնիսկ մոռացել եմ, թե որտեղ եմ կարդացել։ Դա պատահել է ճորտատիրության ամենամռայլ տարիներին, դարասկզբում, և կեցցե՛ որեմն ժողովրդի ազատարարը։ Այն ժամանակ եղել է մի գեներալ, մեծ կապեր ունեցող գեներալ ու մեծահարուստ կալվածատեր, բայց այն մարդկանցից (ճիշտ է, այն ժամանակ էլ արդեն քիչ էին կարծեմ այդպիսիները), որոնք, երկարամյա ծառայությունից հետո գնալով հանգստի, գրեթե համոզված են լինում, թե իրավունք են վաստակել իրենց ենթակաների կյանքն ու մահը տնօրինելու։ Այն ժամանակ կային այդպիսի մարդիկ։ Այս գեներալն ուրեմն ապրում է իր կալվածում, լինելով երկու հազար հոգու սեփականատեր, գոռոզություն է անում, իր փոքր հարևաններին քամահրում է որպես իր հաշվին ապրող հացկատակների և ծաղրածուների։ Ունի շնանոց հարյուրավոր շներով և հարյուրի չափ էլ շնապան՝ բոլորը համազգեստով, բոլորը հեծյալ։ Եվ ահա մի անգամ, մի փոքրիկ ճորտ տղա, ընդամենը յոթ տարեկան մի մանչուկ, խաղալու ժամանակ քար է գցում և պատահաբար վիրավորում գեներալի սիրած որսկան շան ոտքը։ «Ինչո՞ւ իմ սիրելի շունը կաղում է»։ Զեկուցում են, թե ահա այս տղան շանը քար գցեց և վիրավորեց ոտքը։ «Ա՜, դու ես արել,— գեներալը հայացքով չափում է տղային։— Բռնե՛լ սրան»։ Եվ բռնում են, խլում մորից, ամբողջ գիշերը պահում կալանքի տակ։ Առավոտ կանուխ գեներալն իր լրիվ արդուզարդով դուրս է գալիս որսի, ձի նստում, նրան շրջապատում են ձրիակերները, շները, շնապանները, որսկանները՝ բոլորն էլ հեծյալ։ Խրատելու համար հավաքում են ծառաներին, բոլորի առջևում կանգնում է հանցավոր տղայի մայրը։ Տղային դուրս են բերում կալանավայրից։ Աշնանային մռայլ, ցուրտ, մշուշոտ օր է, իսկական որսի օր։ Գեներալը հրամայում է հանել տղայի հագուստները, և երեխային լրիվ մերկացնում են։ Նա դողում է, վախից խենթացած, չի համարձակվում ծպտուն հանել... «Քշե՛լ նրան»,— հրաման է տալիս գեներալը։ «Վազի՜ր, վազիր»,— գոռում են շնապանները, տղան վազում է... «Հա՛փ նրան»,— բղավում է գեներալը և շների ամբողջ ոհմակն արձակում երեխայի վրա։ Շները հասնում են, բռնում և մոր աչքերի առաջ բզիկ-բզիկ հոշոտում մանչուկին... Հետո կարծեմ գեներալի վրա խնամակալություն են հաստատում։ է՜հ ուրեմն... ի՞նչ պատիժ տալ նրան։ Գնդակահարե՞լ։ Բարոյական զգացումը բավարարելու համար գնդակահարե՞լ։ Խոսի՛ր, Ալյոշկա։

— Գնդակահարե՛լ,— շշնջաց Ալյոշան, բարձրացնելով հայացքը և դժգույն, այլայլված ժպիտով նայելով եղբորը։

— Բռա՜վո,— աղաղակեց Իվանը մի տեսակ ուրախացած,— եթե այդ դո՜ւ ես ասում, նշանակում է... Ա՛յ քեզ սքեմավո՜ր։ Ուրեմն ահա՛ թե ինչ սատանայի ձագ է նստած քո սրտում, Ալյոշկա Կարամազով։

— Ես անհեթեթ բան ասացի, բայց...

— Հենց դա է, դա՛, այդ «բա՜յցը»,— գոռաց Իվանը։― Իմացի՛ր, նորընծա, անհեթեթությունները շատ ու շատ անհրաժեշտ են երկրի վրա։ Աշխարհն անհեթեթությունների վրա է կանգնած, և առանց դրանց գուցե ոչինչ էլ տեղի չունենար աշխարհում։ Գիտե՜նք ինչ որ գիտենք։

— Ի՞նչ գիտես։

― Ես ոչինչ չեմ հասկանում,— շարունակեց Իվանը ասես զառանցանքի մեջ,— հիմա չեմ էլ ուզում որևէ բան հասկանալ։ Ես ուզում եմ կառչած մնալ փաստին։ Եվ վաղուց եմ որոշել չհասկանալ։ Եթե ուզեմ որևէ բան հասկանալ, ապա նույն վայրկյանին կդավաճանեմ փաստին, իսկ ես որոշել եմ մնալ փաստին կառչած...

— Ինչո՞ւ ես ինձ փորձում,— վշտահար բացականչեց Ալյոշան,— ասելո՞ւ ես վերջապես։

— Իհարկե ասելու եմ, հենց դրան էլ բերում էի իմ խոսքը։ Դու ինձ համար թանկ ես, չեմ ուզում քեզ բաց թողնել և քեզ չեմ զիջի քո Զոսիմային։

Իվանը մի րոպե լռեց, նրա դեմքը հանկարծ շատ տխուր դարձավ։

— Լսի՛ր ինձ։ Ես միայն երեխաներին վերցրի, որպեսզի ավելի ակնհայտ լինի ասածս։ Մարդկության մյուս արցունքների մասին, որոնցով ամբողջ երկիրը հագեցած է կեղևից մինչև կորիզը, ես ոչ մի խոսք չեմ ասում, դիտմամբ նեղացրի իմ նյութը։ Ես փայտոջիլ եմ և ընդունում եմ ամենայն նվաստությամբ, որ բնավ չեմ կարող հասկանալ՝ ինչո՞ւ այսպես է աշխարհի կարգը։ Մարդիկ, ուրեմն, իրենք են մեղավոր, դրախտն էր տրված նրանց, ազատություն ուզեցին և կրակ գողացան երկնքից, իրենք էլ իմանալով, որ ապերջանիկ են լինելու, ուստի կարիք չկա խղճալու նրանց։ Օ՜, իմ խելքով, իմ խեղճ, երկրային, էվկլիդյան խելքով գիտեմ միայն մի բան՝ որ կա տառապանք, որ մեղավորներ չկան, որ ամեն ինչ իրարից բխում է ուղղակի և պարզորեն, որ ամեն ինչ հոսում է ու հավասարակշռվում, բայց ախր դա էվկլիդյան անմտությո՜ւն է լոկ, այո՜, ես գիտեմ այդ և չեմ կարող համաձայն լինել ըստ դրան ապրելու։ Ի՞նչ անեմ, որ մեղավորներ չկան ու ես գիտեմ այդ. ինձ հատուցո՛ւմ է հարկավոր, այլապես կոչնչացնեմ ինքս ինձ։ Եվ հատուցում՝ ոչ թե անհունության մեջ որևէ մի տեղ և որևէ ժամանակ, այլ հենց այստե՛ղ, երկրի վրա, այնպես, որ ի՛նքս տեսնեմ։ Ես հավատացել եմ, ուստի ուզում եմ ինքս էլ տեսնել, իսկ եթե այդ ժամին արդեն մեռած լինեմ, թող ինձ հարություն տան, որովհետև եթե այդ ամբողջը տեղի ունենա առանց ինձ, չափազանց վիրավորական կլինի։ Ես տառապել եմ ոչ թե նրա համար, որ իմ անձով, իմ չարագործություններով ու տառապանքներով ապագա ներդաշնակության հողը պարարտացնեմ ուրիշ մեկի օգտին։ Ես ուզում եմ իմ աչքերով տեսնել, թե ինչպես եղնիկը պառկելու է առյուծի կողքին և ինչպես սպանվածը վեր է կենալու և գրկելու է իրեն սպանողին։ Ես ուզում եմ ներկա լինել այն պահին, երբ բոլորը հանկարծ կիմանան, թե ինչ նպատակով էր աշխարհն այսպես ստեղծված։ Այդ ցանկության վրա են հիմնված աշխարհի բոլոր կրոնները, իսկ ես հավատացյալ եմ։ Բայց երեխանե՜րը, նրա՞նց նկատմամբ ինչպես վարվեմ այն ժամանակ։ Դա մի հարց է, որ չեմ կարող լուծել։ Կրկնում եմ հարյուրերորդ անգամ՝ հարցերը շա՜տ֊շատ են, բայց ես վերցրի միայն երեխաներին, որովհետև նրանց պարագան անառարկելիորեն պարզ է դարձնում իմ ասելիքը։ Լսի՛ր։ Եթե բոլորը պետք է տառապեն, որպեսզի տառապանքով գնեն հավիտենական ներդաշնակությունը, ապա ի՞նչ գործ ունեն այստեղ երեխաներրը, ասա՛ խնդրեմ։ Բոլորովին հասկանալի չէ, թե ինչո՞ւ նրանք էլ պետք է տառապեն և ինչո՞ւ տառապանքով պետք է գնեն ներդաշնակությունը։ Ինչո՞ւ նրանք էլ, նրա՜նք էլ նյութ են դարձել՝ մի ուրիշի օգտին պարարտացնելու համար ապագա ներդաշնակությունը։ Մարդկանց միջև մեղքի համերաշխություն՝ հասկանում եմ, հասկանում եմ նաև հատուցման համերաշխությունը, բայց երեխաների՞ հետ մեղքի համերաշխություն՝ ո՜չ։ Եվ եթե ճշմարտությունն իրոք այն է, որ երեխաներն էլ պետք է համերաշխորեն պատասխանատու լինեն իրենց հայրերի բոլոր չարագործությունների համար, ապա այդ ճշմարտությունն այս աշխարհին չի՛ պատկանում անշուշտ և ինձ անհասկանալի է։ Կատակաբանի մեկը գուցե ասի, որ միևնույն է՝ երեխան կմեծանա և կհասցնի մեղք գործել, բայց ահա տես, որ չմեծացավ, նրան շների երախը նետեցին, երբ դեռ ութ տարեկան էր։ Օ՜ Ալյոշա, ես աստծուն չեմ հայհոյում։ Ես անշուշտ հասկանում եմ, թե ինչպես է սասանելու տիեզերքը, երբ երկնքից ու երկրի ընդերքից բարձրանա մի համաձույլ գովաբանական օրհներգություն և ամեն ինչ, որ ապրում է և ապրել է անցյալում, բացականչի. «Արդար ես, տե՜ր, վասնզի բացվել են քո ճամփաները»։ Երբ մայրը գրկախառնվի այն չարագործի հետ, որ շներով բզկտել էր նրա երեխային, և երեքը միասին բացականչեն արտասվելով՝ «Արդար ես, տե՜ր», այն ժամանակ, անշո՜ւշտ, հյուսված կլինի իմացության պսակը և ամեն ինչ կպարզվի։ Բայց հենց այս կետի վրա էլ կանգ առնենք, հենց այս է, որ ես չեմ կարող ընդունել։ Եվ քանի դեռ երկրի վրա եմ, շտապում եմ ձեռք առնել իմ միջոցները։ Գիտե՞ս ինչ, Ալյոշա, գուցե իրոք այնպես պատահի, որ եթե ես ինքս մինչև այդ պահը ապրեմ և կամ հարություն առնեմ տեսնելու համար այդ պահը, հավանաբար ինքս էլ բոլորի հետ բացականչեմ, նայելով այն մորը, որ գրկախառնվում է իր երեխային տանջողի հետ. «Արդար ես, տե՜ր»։ Բայց ես չեմ ուզում բացականչել այդ պահին։ Քանի դեռ ժամանակ կա, ես շտապում եմ պատսպարել ինձ, ուստի բոլորովին հրաժարվում եմ գերագույն ներդաշնակությունից։ Այդ ներդաշնակությունը մի կաթիլ արցունքն էլ չարժե այն տանջված երեխայի, որ իր փոքրիկ բռունցքով կուրծքն էր ծեծում և այդ գարշահոտ անկյունում իր անհատույց արցունքներով աղաչում էր «աստվածիկին»։ Չարժե՛, որովհետև նրա արցունքները չհատուցված են մնում։ Պետք է հատուցվե՛ն դրանք, այլապես ներդաշնակությունն անկարելի է։ Բայց ինչո՞վ, ինչո՜վ կհատուցես։ Հնարավո՞ր բան է։ Միթե դրանց վրե՞ժը լուծելով։ Իմ ինչի՞ն է պետք այդ վրեժը, իմ ինչի՜ն է պետք, որ դժոխքը կա տանջողների համար։ Դժոխքն ի՞նչ կարող է սրբագրել այստեղ, երբ երեխաներն արդեն տանջվել են։ Եվ ի՞նչ ներդաշնակություն, եթե կա դժոխքը։ Ես ներել եմ ուզում, գրկել եմ ուզում, ես չեմ ուզում, որ էլ տառապանք լինի։ Եվ եթե երեխաների տառապանքը գնում է լրացնելու տառապանքների այն գումարը, որն անհրաժեշտ է ճշմարտությունը գնելու համար, ապա ես կանխօրոք պնդում եմ, որ ամբողջ ճշմարտությանն անգամ չարժե այդպիսի գին վճարել։ Վերջապես չե՛մ ուզում, որ մայրը գրկախառնվի այն չարագործի հետ, որ շների կեր դարձրեց նրա որդուն։ Նա չի՛ համարձակվի ներել չարագործին։ Եթե ուզում է, թող ների ի՛ր հաշվին, թող ների իր մայրական անհուն տառապանքի համար, բայց իրավունք չունի՛ ներելու իր հոշոտված երեխայի տառապանքը, չի համարձակվի ներել չարագործին, եթե նույնիսկ երեխան ինքը նրան ների իր տառապանքի համար։ Իսկ եթե այդպես է, եթե նրանք չեն համարձակվի ներել, որտե՞ղ է ուրեմն ներդաշնակությունը։ Ամբողջ աշխարհում կա՞ արդյոք մի էակ, որ կարողանար և իրավունք ունենար ներել։ Չեմ ուզում ներդաշնակություն, մարդկությա՛ն սիրույն չեմ ուզում։ Նախընտրում եմ մնալ չհատուցված տառապանքների հետ։ Ավելի լավ է մնամ իմ չհատուցված տառապանքներով և իմ չամոքված վրդովմունքով, թեկուզև անիրավացի լինեմ։ Եվ չափազանց էլ թանկ է գնահատված ներդաշնակությունը, բնավ մեր գրպանի բանը չէ այդքան շատ վճարել մտնելու համար։ Ուստի շտապում եմ վերադարձնել իմ մուտքի տոմսը։ Եվ եթե ես իրոք ազնիվ մարդ եմ, պարտավոր եմ հնարավորին չափ շուտ վերադարձնել։ Այդ է, որ անում եմ։ Ոչ թե աստծուն չեմ ընդունում, Ալյոշա, այլ պարզապես տոմսն եմ վերադարձնում նրան ամենայն պատկառանոք։

— Դա ըմբոստություն է,— ասաց Ալյոշան մեղմ, հայացքն իջեցնելով։

— Ըմբոստությո՞ւն։ Ես չէի ուզում քեզնից այդպիսի խոսք լսել,— խռովահույզ ասաց Իվանը։— Կարելի՞ է արդյոք ապրել ըմբոստությամբ։ Իսկ ես ուզում եմ ապրել։ Ինքդ ասա՛ ինձ ուղղակի, կոչ եմ անում քեզ, պատասխանի՞ր. պատկերացրո՛ւ, որ դու ինքդ ես կառուցում մարդկային ճակատագրի շենքը՝ նպատակ ունենալով վերջում երջանկացնել մարդկանց, ի վերջո խաղաղություն և հանգիստ տալ նրանց, բայց եթե դրա համար անհրաժեշտորեն և անխուսափելիորեն պետք լիներ տանջել թեկուզ մի հատիկ պստլիկ արարածի՝ ասենք հենց այն մանկիկին, որ իր փոքրիկ բռունցքով կուրծքն էր ծեծում, և նրա չհատուցված արցունքների վրա հիմնել այդ շենքը, արդյոք կհամաձայնվեի՞ր դու այդ պայմաններով լինել ճարտարապետը, ասա՛ ու մի՛ ստիր։

— Ոչ, չէի համաձայնվի,— մեղմ ասաց Ալյոշան։

— Եվ կարո՞ղ ես ընդունել այն միտքը, թե մարդիկ, որոնց համար դու կառուցում ես, իրենք իսկ համաձայնեին ստանալ տանջված մանկիկի անհատույց արյան վրա հիմնված իրենց երջանկությունը, և ստանալով՝ հավիտյան երջանիկ մնալ։

— Ոչ, չեմ կարող ընդունել։ Եղբա՛յր,— ասաց հանկարծ Ալյոշան փայլող աչքերով,— դու հենց հիմա ասացիր՝ ամբողջ աշխարհում կա՞ արդյոք մի էակ, որ կարողանար և իրավունք ունենար ներել։ Բայց կա՛ այդ էակը, և նա կարող է ամե՜ն ինչ ներել, ներել բոլորին և ամեն ինչի համար, որովհետև նա ինքը իր անմեղ արյունը տվեց բոլորի և ամեն ինչի համար։ Դու մոռացար նրան, իսկ շենքը հենց նրա՛ վրա է հիմնված, և նրան է, որ բացականչելու են. «Արդար ես, տե՜ր, վասնզի բացվել են քո ճամփաները»։

— Հա՜, «միակ անմեղը», և իր արյո՜ւնը։ Ոչ, նրան չեմ մոռացել, ընդհակառակը, անընդհատ զարմանում էի, թե ինչո՞ւ այսքան ժամանակ դու մեջտեղ չես բերում նրան, որովհետև բոլոր ձերոնք, վիճաբանելիս, սովորաբար նրան են միշտ առաջ քաշում։ Գիտե՞ս, Ալյոշա, մի՛ ծիծաղիր, ես մի պոեմ եմ գրել մոտ մեկ տարի առաջ։ Եթե կարող ես տասը րոպե ևս կորցնել ինձ հետ, կպատմեմ քեզ իմ պոեմը։

— Դու պոեմ ես գրե՞լ։

— Օ՜ ոչ, չեմ գրել,— ծիծաղեց Իվանը,— և նույնիսկ երկու տող բանաստեղծություն չեմ գրել երբևիցե իմ կյանքում։ Բայց պոեմը մտքումս եմ հորինել ու հիշել եմ։ Մեծ եռանդով եմ հորինել։ Դու իմ առաջին ընթերցողն ես լինելու, այսինքն ունկնդիրը։ Իսկապես, հեղինակն ինչո՞ւ կորցնի գեթ իր միակ ունկնղրին,— ժպտաց Իվանը։— Պատմե՞մ թե ոչ։

— Լսում եմ ամենայն սիրով,— ասաց Ալյոշան։

— Պոեմս կոչվում է «Մեծ հավատաքննիչը»։ Անմիտ բան է, բայց ուզում եմ պատմել քեզ։


V։ Մեծ հավատաքննիչը

— Բայց ահա այստեղ էլ նորից առաջաբան է հարկավոր, այսինքն գրական առաջաբան, թո՜ւհ,— ծիծաղեց Իվանը։— Իսկ ես ի՛նչ մի հեղինակ եմ որ։ Մի խոսքով, իմ հորինած գործողությունը տեղի է ունենում տասնվեցերորդ դարում, իսկ այն ժամանակ,— թեև դա քեզ հայտնի պետք է լինի դեռ դպրոցական տարիներից,— այն ժամանակ հենց սովորություն կար երկնային զորությունները երկիր իջեցնել բանաստեղծական գործերի մեջ։ Դանթեի մասին չեմ էլ խոսում։ Ֆրանսիայում դատական գրագիրները, ինչպես և վանականները վանքերում տալիս էին կարգին ներկայացումներ, որոնց մեջ բեմ էին հանում աստվածամորը, հրեշտակներին, սրբերին, Քրիստոսին և նույնինքն աստծուն։ Այն ժամանակ շատ միամիտ էր այդ ամբողջը։ Վիկտոր Հյուգոյի «Notre Dame de Paris» («Փարիզի Աստվածամոր տաճարը» — ֆրանս.), Լյուդովիկոս XI-ի օրերին, Ֆրանսիայի թագաժառանգի ծննդյանն ի պատիվ, Փարիզի քաղաքապետարանի դահլիճում ժողովրդի համար տրվում է խրատական ու ձրի ներկայացում, որ կոչվում է «Le bon jugement de la tres sainte et gracieuse Vierge Marie» («Ամենասուրբ և գթառատ կույսն Մարիամի բարեհաճ դատաստանը» — ֆրանս.), և այստեղ տիրամայրն անձամբ հայտնվում է բեմում և արտասանում իր bon jugement-ը։ Մեզ մոտ էլ, Մոսկվայում, նախապետրոսյան հին տարիներին, մերթ ընդ մերթ տեղի էին ունենում գրեթե նույնպիսի դրամատիկ ներկայացումներ՝ հատկապես հին կտակարանից։ Սակայն, դրամատիկ ներկայացումներից բացի, այն ժամանակ ամբողջ աշխարհով շրջում էին բազմաթիվ պատումներ ու «քերթվածներ», որոնց մեջ հարկ եղած դեպքում հանդես էրն գալիս սրբերը, հրեշտակները և երկնային բոլոր զորությունները։ Մեր վանքերում նույնպես զբաղվում էին նման պոեմներ թարգմանելով, ընդօրինակելով ու նույնիսկ հորինելով, այն էլ ե՜րբ. թաթարների տիրապետության տակ։ Կա, օրինակ, վանական մի պոեմ (անշուշտ հունարենից առնված)— «Հածմունք տիրամոր ի տառապանս», որն իր պատկերներով ու համարձակությամբ ետ չի մնում Դանթեի երկից։ Տիրամայրն այցելում է դժոխք, ուր Միքայել հրեշտակապետն է նրան առաջնորդում «ի տառապանս»։ Տեսնում է մեղավորներին ու նրանց տանջանքները։ Դժոխքում, ի միջի այլոց, հրավառ լճի մեջ տանջվող մեղավորների խիստ ուշագրավ մի կարգ կա. ոմանք այնպես են սուզվում լճի խորքը, որ այլևս չեն կարող վեր բարձրանալ, և «աստված մոռանում է այլևս նրանց»— մի արտահայտություն, որ չափազանց խոր է և ուժեղ։ Եվ ահա, ցնցված ու արտասվող տիրամայրն ընկնում է աստծո գահի առաջ և խնդրում է թողություն շնորհել դժոխքի բոլոր մեղավորներին, բոլորին, որ ինքը տեսել է այնտեղ, առանց խտրության։ Աստծու հետ նրա խոսակցությունն ահագնորեն հետաքրքրական է։ Աղաչում է տիրամայրը, աղաչում համառորեն, և երբ աստված մատնացույց է անում նրա որդու գամված ձեռքերն ու ոտքերը և հարցնում՝ նրան տանջողներին ինչպե՞ս ներեմ, ապա տիրամայրը հորդորում է բոլոր սրբերին, բոլոր նահատակներին, բոլոր հրեշտակներին ու հրեշտակապետերին՝ ծնկի ընկնել իր հետ և թողություն հայցել բոլորի համար անխտիր։ Եվ վերջապես նա աստծուց ձեռք է բերում տանջանքների դադարեցումն ամեն տարի՝ ավագ ուրբաթից մինչև երրորդության օրը, և մեղավորները դժոխքից անմիջապես իրենց շնորհակալությունն են հայտնում աստծուն և աղաղակում են. «Արդար ես, տե՜ր, զի այդպես դատեցեր»։ Դե՛հ, իմ պոեմն էլ նույնօրինակ մի բան կլիներ, եթե այն ժամանակ երևան գար։ Իմ պոեմի մեջ նա է հանդես գալիս, ճիշտ է, ոչինչ չի ասում, այլ միայն երևում ու անցնում է։ Արդեն տասնհինգ դար է բոլորվել այն օրից, երբ նա խոստացավ գալ իր զորությամբ ու փառոք բազմոք, տասնհինգ դար է, ինչ գրել է նրա մարգարեն. «Որ լինելոց է վաղվաղակի»։ «Բայց վասն աւուրն այնորիկ և ժամու ոչ ոք գիտէ, ո՛չ հրեշտակք երկնքից և ոչ որդի, բայց միայն հայր», ինչպես ինքն էլ ասաց, երբ դեռ գտնվում էր երկրի վրա։ Բայց մարդկությունն սպասում է նրան նախկին հավատքով ու նախկին խանդաղատանքով։ Օ՜, նույնիսկ ավելի մեծ հավատքով, որովհետև տասնհինգ դար է անցել այն օրից, երբ երկնային նշանները դադարեցին երևալ մարդուն.


Դու հավատա սրտի՛դ ձայնին,
Չկա նշան երկնային։

Եվ մնացել է լոկ հավատք սրտի ասածի նկատմամբ։ Ճիշտ է, այն ժամանակ բազում հրաշքներ էլ կային։ Կային սրբեր, որ հրաշալի բուժումներ էին կատարում. որոշ արդարակյաց մարդկանց, ըստ նրանց կենսագրության, անձամբ այցելում էր երկնային թագուհին։ Բայց սատանան չի քնում, և մարդկության մեջ արդեն սկսել էր տարակույսի ենթարկվել այդ հրաշքների ճշմարտությունը։ Ճիշտ այդ ժամանակ էր, որ մի նոր սարսափելի հերձված երևան եկավ հյուսիսում՝ Գերմանիայում։ Մի հսկա աստղ «ջահի նման» (այսինքն եկեղեցու) «ընկավ ջրերի աղբյուրներին, և նրանք դարձան դառնահամ»։ Այդ հերձվածներն սկսեցին սրբապղծորեն ժխտել հրաշքները։ Բայց հավատարիմ մնացողներն ավելի ևս ջերմեռանդորեն փարվում են իրենց հավատքին։ Մարդկության արցունքներն առաջվա նման բարձրանում են դեպի նա, սպասում են նրան, սիրում են նրան, հույս են դնում նրա վրա, տենչում են տառապել ու մեռնել նրա համար, ինչպես առաջ... Եվ ահա այնքա՜ն երկար դարեր մարդկությունը հավատքով ու ջերմեռանդությամբ աղերսել է՝ «Ո՜վ տէր, յայտնեա մեզ զանձն քո», այնքա՜ն երկար դարեր կանչել է նրան, որ նա իր անհուն ողորմածությամբ ցանկանում է իջնել աղերսարկուների մոտ։ Մինչ այդ ևս իջել էր նա երկիր, այցելության էր եկել որոշ արդարակյացների, նահատակների և սուրբ ճգնավորների, ինչպես գրված է նրանց «վարքերում»։ Մեզ մոտ Տյուտչևը, որ խորապես հավատում էր իր խոսքերի Ճշմարտության, ազդարարեց, որ


Կքած խաչի մեծ բեռան տակ՝
Երկնի արքան, ճորտի տեսքով,
Հայրենի՛ք իմ, ծագե ի ծագ
Շրջեց քո մեջ, քեզ օրհնելով։

Կարող եմ վստահ ասել քեզ, որ այդպես էլ եղել է անպայման։ Եվ ահա ուրեմն նա ցանկանում է գեթ մի ակնթարթ հայտնվել ժողովրդին՝ տանջվող, տառապող, մեղքերի մէջ փտած, բայց մանկորեն նրան սիրող ժողովրդին։ Իմ հորինած պատմությունը տեղի է ունենում Իսպանիայում՝ Սևիլ քաղաքում, հավատաքննության ամենասոսկալի շրջանին, երբ ամեն օր երկրում խարույկներ էին վառվում ի փառս աստծո և


Ավտոդաֆեներում այն փառահեղ
Այրվում էին նենգ հերետիկոսներ։

Օ՜, դա անշուշտ այն գալուստը չէր, որով նա հայտնվելու է, ըստ իր խոստման, ի կատարածն աշխարհի իր ամբողջ երկնային փառքով, և որ լինելու է հանկարծակի, «որպէս փայլակն որ ելանէ յարևելից և երևի մինչև յարևմուտս»։ Ոչ, նա ցանկանում է գեթ մի ակնթարթ այցելել իր զավակներին և հենց այն վայրում, ուր ճարճատում էին հերետիկոսներին այրող խարույկները։ Շնորհիվ իր անհուն ողորմածության, նա մի անգամ ևս հայտնվում է մարդկանց՝ ճիշտ այն մարդկային կերպարանքով, որով երեք տարի քայլել էր մարդկանց մեջ՝ տասնհինգ դար առաջ։ Նա իջնում է «տոթակեզ փողոցների մեջ» հարավային քաղաքի, հենց որտեղ դեռ նախորդ օրը, թագավորի, արքունիքի, ասպետների, կարդինալների և պալատական հմայափայլ տիկնանց ներկայության, ամբողջ Սևիլի բազմամարդ բնակչության առաջ, մեծ հավատաքննիչ կարդինալը «փառահեղ ավտոդաֆեում» միանգամից այրել էր գրեթե մի ամբողջ հարյուրյակ հերետիկոսների՝ ad majorem gloriam Dei («Ի մեծագույն փառս աստուծո» — լատ.)։ Նա հայտնվում է մեղմիվ, աննկատելի, և ահա բոլոր մարդիկ, տարօրինա՜կ բան, ճանաչում են նրան։ Դա կարող էր պոեմի լավագույն տեղերից մեկը լինել, այսինքն՝ թե ինչու հատկապես ճանաչում են նրան։ Ժողովուրդն անդիմադրելի մղումով վազում է նրա մոտ, շրջապատում նրան, բազմանում է նրա շուրջ։ Հետևում նրան։ Նա լուռ ընթանում է բազմության մեջ՝ անհուն ողորմածության մեղմ ժիպտը դեմքին։ Սիրո արևն է փայլում նրա սրտում, Լույսի, Պայծառացման ու Զորության ճառագայթներն են հոսում նրա աչքերից, ողողում մարդկանց և ցնցում նրանց սրտերը պատասխան սիրով։ Նա մեկնում է ձեռքերը, օրհնում մարդկանց, և երբ հպվում են նրան, թեկուզ միայն հանդերձներին, բուժիչ զորություն է ելնում նրանից։ Մանկությունից կույր մի ծերունի բացականչում է ամբոխի միջից՝ «Տե՜ր, բուժի՛ր ինձ, որ ես էլ քեզ տեսնեմ», և ահա կարծես թեփուկներն ընկնում են ծերունու աչքերից, և կույրը տեսնում է նրան։ Ժողովուրդը լաց է լինում և համբուրում երկիրը, որի վրա նա քայլում է։ Երեխաները ծաղիկներ են նետում նրա առաջ, երդում են և աղաղակում. «Ովսաննա՜»։ «Նա է, նա ինքն է,— կրկնում են բոլորը,— պետք է որ նա՛ լինի, ոչ այլ ոք, քան նա»։ Նա կանգ է առնում Սևիլի մայր եկեղեցու նախագավիթում՝ ճիշտ այն րոպեին, երբ ողբալով տաճար են բերում մանկական բաց, սպիտակ մի դագաղ. յոթ տարեկան աղջնակ է պառկած դագաղում՝ ականավոր մի քաղաքացու միակ դուստրը։ Մահացած երեխան ամբողջովին ծածկված է ծաղիկներով։ «Նա հարությո՜ւն կտա քո երեխային»,— գոռում է ամբոխն արտասվող մորը։ Դագաղին ընդառաջ եկող ավագ քահանան նայում է վարանած և հոնքերը կիտում։ Բայց ահա լսվում է մահացած երեխայի մոր ողբուկոծը։ Կինը նետվում է նրա ոտքերը։ «Եթե դու ես, հարությո՜ւն տուր իմ մանկիկին»,— բացականչում է մայրը, ձեռքերը մեկնելով նրան։ Թափորը կանգ է առնում, փոքրիկ դագաղն իջեցնում են եկեղեցու նախագավիթում, նրա ոտքերի առաջ։ Նա նայում է կարեկցանքով, և նրա շրթները մեկ անգամ ևս արտասանում են՝ «Տալի՛թա, կո՛ւմի»— «և յարեավ աղջիկն»։ Աղջնակը բարձրանում ու նստում է դագաղում և ժպտալով շուրջն է նայում իր զարմացած, խոշոր բացված աչուկներով։ Ձեռքերի մեջ բռնել է սպիտակ վարդերի մի փունջ, որով պառկած էր դագաղում։ Խլրտում է ժողովուրդը, աղաղակում, հեկեկում, և ահա ճիշտ այդ րոպեին հանկարծ մայր եկեղեցու հրապարակով անցնում է նույնինքն կարդինալ մեծ հավատաքննիչը։ Գրեթե իննսունամյա մի ծերունի է նա, բարձրահասակ և ուղղաթիկունք, չորացած դեմքով, փոս ընկած աչքերով, որոնց մեջ սակայն մի ցոլք է պսպղում տակավին՝ հրացայտ կայծի նման։ Օ՜, նա չի հանդերձավորվել իր կարդինալական փառահեղ զգեստով, որով փայլում էր երեկ ժողովրդի առաջ, երբ այրում էին հռոմեական դավանանքի թշնամիներին,— ո՜չ, այդ րոպեին իր վանական հին ու կոպիտ սքեմն է լոկ հագել։ Կարդինալի ետևից, որոշ հեռավորությամբ, գալիս են նրա մռայլ օգնականներն ու ստրուկները և «սրբազան» պահակախումբը։ Նա կանգ է առնում ամբոխի առջև ու դիտում է հեռվից։ Ամեն ինչ տեսել է, տեսել է, թե ինչպես դագաղը դրին նրա ոտքերի առաջ, տեսել է, թե ինչպես հարյավ աղջիկը, և դեմքը մռայլվել է։ Կախում է սպիտակած թավ հոնքերը, աչքերը փայլատակում են չարագուշակ հրով։ Մեկնում է իր ցուցամատը և պահակախմբին հրամայում է ձերբակալել նրան։ Եվ ահա, այնքան հզոր է մեծ հավատաքննիչը, ժողովուրդն արդեն այն աստիճան վարժվել է ենթարկվելու նրան և դողահար հնազանդվելու, որ ամբոխն անմիջապես ճանապարհ է բացում, և պահակախումբը, վերահաս մեռելային լռության մեջ, ձերբակալամ ու տանում է նրան։ Ամբոխը վայրկենաբար, մեկ մարդու նման, մինչև գետին խոնարհվում է մեծ հավատաքննիչի առաջ, իսկ նա լռելյայն օրհնում ժողովրդին ու հեռանում։ Պահակախումբը գերյալին բերում է դատական սրբազան ատյանի հնադարյան շենքը և բանտարկում նեղ ու մռայլ, կամարակապ բանտում։ Անցնում է օրը, իջնում է Սևիլի մութ, տաք և «անշունչ» գիշերը։ Օդը «դափնի ու կիտրոն է բուրում»։ Խոր մթության մեջ հանկարծ բացվում է բանտի երկաթե դուռը, և նույնինքն ծերունի մեծ հավատաքննիչը դանդաղ ներս է մտնում՝ աշտանակը ձեռքին։ Առանձին է, դուռն անմիջապես փակվում է նրա ետևից։ Կանգնում է շեմքին ու երկար, մեկ կամ երկու րոպե, դիտում է գերյալի դեմքը։ Վերջապես կամաց մոտենում է, աշտանակը դնում սեղանին և ասում նրան.

— Դո՞ւ ես, դո՞ւ։— Սակայն, պատասխան չստանալով, շտապ ավելացնում է.— Մի՛ պատասխանիր, լուռ մնա։ Եվ ի՞նչ կարող էիր ասել արդյոք։ Ես չափազանց լավ գիտեմ, թե ինչ կասես։ Բայց դու իրավունք իսկ չունես որևէ բան ավելացնելու քո նախկին ասածի վրա։ Ուրեմն ինչո՞ւ եկար մեզ խանգարելու։ Վասնզի եկել ես խանգարելու մեզ, և ինքդ գիտես այդ։ Բայց գիտե՞ս արդյոք, թե ինչ է լինելու վաղը։ Ես չգիտեմ, թե ով ես դու, և չեմ էլ ուզում իմանալ՝ այդ դո՞ւ ես իրոք, թե նմանությունը նրա, սակայն վաղն ևեթ ես կդատապարտեմ ու կայրեմ քեզ խարույկի վրա, որպես հերետիկոսներից վատթարագույնին, և նույն այն ժողովուրդը, որ այսօր քո ոտքերն էր համբուրում, վաղն ևեթ իմ ձեռքի մեկ նշանով կնետվի ածուխ կիտելու քո խարույկին, գիտե՞ս արդյոք։ Այո, գուցե գիտես,— ավելացրեց նա ներհուն մտորումով, հայացքը ոչ մի ակնթարթ չկարելով իր գերյալից։

— Շատ էլ լավ չեմ հասկանում, Իվան, ի՞նչ է դա,— ժպտաց Ալյոշան, որ ամբողջ ժամանակ լուռ լսել էր,— ուղղակի անսանձ երևակայությո՞ւն է, թե ծերունու ինչ֊որ մի սխալը, ինչ֊որ անկարելի qui pro quo! (Մեկի տեղ մյուսը, — լատ։ Այսինքն՝ թյուրիմացություն)։

— Համարիր, որ այդ վերջինն է թեկուզ,— ծիծաղեց Իվանը,— եթե ժամանակակից իրապաշտությունը քեզ փչացրել է այնքան և չես կարող որևէ երևակայական բան հանդուրժել Qui pro quo ես ուզում, թո՛ղ այդպես էլ լինի։ Ճիշտ է,— ծիծաղեց նա նորից,— ծերունին իննսուն տարեկան է և կարող էր վաղո՜ւց խելքը թռցրած լինել իր սևեռուն գաղափարի վրա։ Իսկ գերյալը կարող էր շշմեցնել նրան իր արտաքինով։ Եվ վերջապես դա կարող էր պարզ զառանցանք լինել, իննսունամյա ծերունու տեսիլքը մահվան շեմին, այն էլ գերագրգիռ վիճակում՝ նախորդ օրն այրված հարյուր հերետիկոսների ավտոդաֆեից հետո։ Բայց մեզ համար միևնույնը չէ՞, qui pro quo լինի, թե անսանձ երևակայություն։ Խնդիրն այստեղ պարզապես այն է, որ ծերունին պետք է իր ասելիքն ասի, վերջապես բարձրաձայն արտահայտի այն, ինչի մասին լո՜ւռ մտածել է ամբողջ իննսուն տարի։

― Իսկ գերյալն էլ լռո՞ւմ է։ Նայում է նրան և ոչ մի խոսք չի՞ ասում։

― Բայց այդպես էլ պետք է լինի բոլոր դեպքերում,— նորից ծիծաղեց Իվանը։— Ծերունին ինքը նկատել է տալիս, որ նա իրավունք էլ չունի որևէ բան ավելացնելու իր նախկին ասածի վրա։ Եթե ուզում ես, հենց այդ է հռոմեական կաթոլիկության ամենահիմնական գիծը, գեթ իմ կարծիքով։ «Ամեն ինչ,— ասում են նրանք,— դու հանձնեցիր պապին, և ամեն ինչ, ուրեմն, հիմա գտնվում է պապի ձեռքում, իսկ դու այլևս բոլորովին մի՛ գա թեկուզ, կամ գոնե մի՛ խանգարիր միառժամանակ»։ Այդ առումով ոչ միայն խոսում են նրանք, այլև գրում են, ճիզվիտները համենայն դեպս։ Ինքս կարդացել եմ նրանց աստվածականների գրվածքներում։ «Դու իրավունք ունե՞ս մեզ հայտնելու գեթ մի խորհուրդ այն աշխարհից, որտեղից եկել ես,— հարցնում է նրան իմ ծերունին և ինքը պատասխանում նրա փոխարեն.— Ոչ, չունես իրավունք, որպեսզի ոչինչ չավելացնես քո նախկին ասածին և որպեսզի մարդկանց չզրկես այն ազատությունից, որին եռանդով պաշտպան կանգնեցիր երբ գտնվում էիր երկրի վրա։ Քո արած ամեն մի նոր հայտնությունը ոտնձգություն կլինի մարդկանց հավատքի ազատության դեմ, որովհետև կներկայանա իբրև հրաշք, իսկ նրանց հավատքի ազատությունը քեզ համար ամեն բանից թանկ էր դեռ այն ժամանակ՝ հազար հինգ հարյուր տարի առաջ։ Դու էի՞ր, որ այնքան հաճախ ասում էիր այդ օրերին. «Ուզում եմ ազատ դարձնել ձեզ»։ Բայց ահա տեսար այժմ այդ «ազա՜տ» մարդկանց,— ավելացնում է հանկարծ ծերունին խոհուն քմծիծաղով։— Այո, թանկ նստեց մեզ վրա,— շարունակում է՝ խստահայաց նայելով նրան,— բայց այդ գործն ավարտեցինք վերջապես հանուն քո։ Տասնհինգ դար տանջվեցինք այդ ազատության դեմ մաքառելով, բայց այժմ արդեն ավարտված է գործը և առընդմիշտ ավարտված։ Դու չե՞ս հավատում, որ առընդմիշտ է ավարտված։ Դու ինձ հեզորեն նայում ես և նույնիսկ շնորհ չես անում վրդովվելո՞ւ իմ դեմ։ Բայց իմացի՛ր, որ այդ մարդիկ հիմա, հենց այժմ ավելի քան երբեք համոզված են, որ ազատ են լրիվ, այնինչ իրենք իսկ բերին մեզ ազատությունն իրենց և խոնարհաբար դրին մեր ոտքերի առաջ։ Սակայն դա մե՛ր արած գործն էր, իսկ դու ա՞յս էիր ցանկանում, այսպիսի՞ ազատություն»։

— Ես նորից չեմ հասկանում,— ընդհատեց Ալյոշան։— Հեգնո՞ւմ է նա, ծիծաղո՞ւմ է։

— Բնավ երբեք։ Նա հենց իր և յուրայինների արժանիքն է համարում այն, որ վերջապես հաղթահարել են ազատությունը, և այդ արել են, որպեսզի երջանկացնեն մարդկանց։ «Որովհետև այժմ միայն (այսինքն նա հավատաքննությունը նկատի ունի անշուշտ) հնարավոր դարձավ առաջին անգամ մտածել մարդկանց երջանկության մասին։ Մարդն ըմբոստ էր ստեղծված. ըմբոստները կարո՞ղ են միթե երջանիկ լինել։ Քեզ, նախազգուշացրին,— ասում է ծերունին նրան,— սակավ չէին նախազգուշացումներն ու հորդորները, բայց դու ունկն չդրիր նախազգուշացումներին, դու մերժեցիր այն միակ ուղին, որով կարելի էր երջանիկ դարձնել մարդկանց։ Սակայն բարեբախտաբար, մեկնելով՝ գործը հանձնեցիր մեզ։ Դու խոստում տվիր, դու հաստատեցիր քո խոսքով, դու մեզ իրավունք տվիր կապելու և արձակելու, և այժմ անշուշտ չես կարող նույնիսկ մտածել այդ իրավունքը մեզնից ետ առնելու մասին։ Ուրեմն ինչո՞ւ եկար մեզ խանգարելու»։

— Իսկ ի՞նչ է նշանակում «սակավ չէին նախազգուշացումներն ու հորդորները»,— հարցրեց Ալյոշան։

— Հենց դա էլ ծերունու գլխավոր ասելիքն է։

«Սարսափելի և իմաստուն ոգին, ոգին ինքնաոչնչացման ու չգոյության,— շարունակում է ծերունին,— մեծն ոգին խոսեց քեզ հետ անապատում, և գրքերում մեզ հաղորդված է, որ իբրև թե «փորձեց» քեզ նա։ Այդպե՞ս է արդյոք։ Եվ կարելի՞ էր միթե ասել որևէ ավելի ճշմարիտ բան, քան այն, որ նա հայտնեց քեզ երեք հարցի մեջ, և որ դու մերժեցիր, և որ գրքերում կոչված է «փորձություն»։ Այնինչ, եթե երկրի վրա երբևիցե կատարվել է իսկապես որոտաձայն մի հրաշք, ապա դա եղել է ճիշտ ա՛յդ օրը, այդ երեք փորձությունների օրը։ Հենց այդ երեք հարցերի հայտնակերպումն էր հրաշքը։ Եթե հնարավոր լիներ ենթադրել, լոկ իբրև փորձ ու օրինակ, թե սարսափելի ոգու այդ երեք հարցերն անհետ կորչեն գրքերից, և թե պետք է վերականգնել դրանք, վերստին հղանալ ու երկնել, որպեսզի կրկին մտցվեն գրքերի մեջ, և այդ անելու համար պետք է հավաքել երկրի բոլոր իմաստուններին՝ կառավարիչներին, քահանայապետերին, գիտնականներին, փիլիսոփաներին, բանաստեղծներին և նրանց խնդիր առաջադրել— մտածեցեք, ստեղծեցեք երեք հարց, բայց այնպիսի հարցեր, որոնք ոչ միայն համապատասխանեն դեպքի տարողությանը, այլև, ավելին, երեք խոսքի մեջ, մարդկային լոկ երեք նախադասության մեջ արտահայտեն աշխարհի և մարդկության ամբողջ ապագա պատմությունը,— ապա կարծո՞ւմ ես դու արդյոք, որ երկրի ամբողջ գերիմաստությունը, ի մի եկած, կարողանա գտնել գեթ որևէ բան՝ ուժով ու խորությամբ նման այն երեք հարցերին, որ այն ժամանակ հզոր և իմաստուն ոգին իսկապես առաջարկեց քեզ անապատում։ Արդեն միայն այդ հարցերից, դրանց լոկ հայտնակերպման հրաշքից կարելի է հասկանալ, որ գործ ունես ոչ թե մարդկային ընթացիկ խելքի, այլ հավիտենական ու բացարձակ իմաստության հետ։ Վասնզի այդ երեք հարցերի մեջ մարդկության ամբողջ հետագա պատմությունն է կարծես ի մի բերված ու նախագուշակված, և հայտնված է երեք պատկեր, որոնց մեջ համատեղվում են մարդկային բնության բոլոր անլուծելի պատմական հակասություններն ամբողջ երկրի վրա։ Այն ժամանակ դա չէր կարող այնքան պարզ երևալ տակավին, վասնզի անհաճո էր ապագան, իսկ այժմ, երբ անցել է տասնհինգ դար, մենք տեսնում ենք՝ այդ երեք հարցերի մեջ ամեն ինչ այնքան ճիշտ է կռահված ու նախագուշակված և այդ ամբողջն այնպես արդարացավ, որ այլևս ոչինչ կարելի չէ ավելացնել այդ հարցերին կամ զեղջել դրանցից։

Արդ ուրեմն՝ ինքդ որոշիր, թե ով էր ճշմարիտ. դո՞ւ, թե նա, որ հարցեր տվեց քեզ այն ժամանակ։ Հիշիր առաջին հարցը, թեև ոչ տառացի, բայց իմաստն այս էր. «Դու ուզում ես գնալ աշխարհ և գնում ես դատարկ ձեռքերով, ազատության ինչ-որ խոստումով, որը մարդիկ, իրենց պարզությամբ ու բնածին իրենց անկարգությամբ, չեն կարող նույնիսկ ըմբռնել, որից վախենում են նրանք ու սարսափում, քանզի մարդու և մարդկային հասարակության համար ո՜չ մի բան այնքան անտանելի չի եղնլ երբեք, որքան ազատությունը։ Իսկ տեսնո՞ւմ ես սույն քարերն այս մերկ ու շիկացած անապատում։ Հացի վերածիր սրանք, և քո ետևից մարդկությունը կվազի ոչխարների հոտի նման, շնորհակալ ու հնազանդ, թեև հավիտյան դողալով այն վախից, թե կհեռացնես դու ձեռքը քո և կդադարի քո տված հացը»։ Բայց դու չուզեցիր մարդուն զրկել ազատությունից և մերժեցիր առաջարկը, վասնզի ի՞նչ ազատություն, մտածեցիր, եթե հացով պետք է գնվի հնազանդությունը։ Դու առարկեցիր, թե ոչ հացիվ միայն կեցցե մարդ, բայց գիտե՞ս արդյոք, որ հանուն երկրային այդ հացի՝ քո դեմ կծառանա երկրի ոգին և կմարտնչի քո դեմ ու կհաղթի քեզ, և բոլորը կհետևեն նրան, բացականչելով. «Ո՞վ է նման սույն գազանին, նա մեզ հո՜ւր տվեց հերկնից»։ Գիտե՞ս արդյոք, որ կանցնեն դարեր, և մարդկությունն իր գերիմաստության ու գիտության շրթներով կհայտարարի, թե չկա հանցագործություն, ուստի չկա և մեղսագործություն, այլ կան միայն սովյալներ։ «Կերակրիր, հետո՛ միայն առաքինություն պահանջիր մարդկանցից»,— ահա՛ թե ինչ են գրելու այն դրոշի վրա, որ բարձրացնելու են քո դեմ, և որով կործանվելու է տաճարը քո։ Քո տաճարի տեղում կկառուցվի մի նոր շենք, կրկին կբարձրանա բաբելոնյան սոսկալի աշտարակը, ու թեև այս մեկն էլ, նախորդի նման, իր ավարտին չի հասնի, բայց այնուամենայնիվ դու կարող էիր կանխել նոր աշտարակաշինությունը և հազար տարով կրճատել մարդկանց տառապանքները, որովհետև նրանք, հազար տարի իրենց աշտարակով տանջվելուց հետո, մեզ են դիմելու կրկին։ Եվ հայնժամ մեզ փնտրելու են նորից գետնի տակ, կատակոմբներում (որովհետև մենք նորից թաքնվելու ենք հալածանքներից ու տանջանքներից), գտնելու են մեզ և աղերսելու են. «Կերակրեցեք մեզ, զի նրանք, որոնք խոստացան հուր տալ մեզ հերկնից, չտվին»։ Եվ ահա ա՛յդ ժամանակ մենք կավարտենք նրանց աշտարակը, քանզի կավարտի նա, ով կկերակրի, և միայն մենք ենք, որ կկերակրենք հանուն քո, և ստած կլինենք, թե կերակրում ենք հանուն քո։ Օ՜, երբեք, երբե՜ք նրանք չեն կարող իրենք իրենց կերակրել առանց մեզ։ Ոչ մի գիտություն հաց չի տա նրանց, քանի ազատ մնան, բայց վերջ ի վերջո նրանք կդնեն իրենց ազատությունը մեր ոտքերի առաջ և մեզ կասեն. «Ավելի լավ է՝ ստրկացրեք մեզ, բայց կերակրեցեք»։ Վերջապես իրե՛նք կհասկանան, թե աներևակայելի բան է յուրաքանչյուրի համար բավականաչափ ապահովել ազատությունն ու երկրային հացը միասին, վասնզի երբեք, երբե՛ք չեն կարող նրանք հավասար բաժանում կատարել իրար միջև։ Կհամոզվեն նույնպես, որ երբեք չեն կարող նաև ազատ լինել, որովհետև թերուժ են, արատավոր, չնչին ու ըմբոստ։ Դու նրանց երկնային հաց խոստացար, բայց, կրկնում եմ նորից, մարդկային տկար, հավերժ արատավոր և հավերժ անշնորհակալ ցեղի աչքին կարո՞ղ է քո խոստացածը համեմատվել երկրային հացի հետ։ Եվ եթե հանուն երկնային հացի հազարներ ու տասնյակ հազարներ հետևեն քեզ, ապա ի՞նչ կլինի վիճակը միլիոնավոր և տասնյակ հազար միլիոնավոր էակների, որոնք ուժ չեն ունենա արհամարհելու երկրային հացը հանուն երկնայինի։ Կամ թե քեզ համար թանկ են լոկ տասնյակ հազարավոր մեծերն ու զորավորնե՞րը. իսկ ծովի ավազի պես անհամար միլիոնները, որոնք տկար են, բայց սիրում են քեզ, պետք է միայն նյո՞ւթ ծառայեն մեծերին ու զորավորներին։ Ոչ, մեզ համար թանկ են նաև տկարները։ Արատավոր են նրանք և ըմբոստ, բայց վերջ ի վերջո նրաք ևս կդառնան հնազանդ։ Պիտի զարմանան նրանք մեր վրա և աստվածներ պիտի համարեն մեզ, երբ տեսնեն, թե մենք, գլխավորելով նրանց, համաձայնվում ենք ինքներս կրել ազատության բեռը և իշխել նրանց վրա. այնքա՜ն սարսափելի բեռ է դառնալու ազատ լինելը նրանց համար ի վերջո։ Բայց մենք կասենք, թե քեզ ենք ծառայում և իշխում ենք հանուն քո։ Եվ նորից խաբած կլինենք, քանզի չենք թողնի այլևս, որ դու գաս մեզ մոտ։ Այդ խաբեությունն է լինելու մեր տառապանքը, որովհետև հարկադրված պիտի լինենք ստելու։ Ահա թե ինչ էր նշանակում այդ առաջին հարցն անապատում, և ահա թե ինչը մերժեցիր դու հանուն ազատության, որն ամեն բանից վեր դասեցիր։ Այնինչ այս աշխարհի մեծ խորհուրդն էր պարփակված այդ հարցում։ Ընտրելով «հացը», դու փարատած կլինեիր ինչպես անհատ մարդու, այնպես էլ ամբողջ մարդկության համընդհանուր և հավերժական անձկությունը, այն է՝ թե «ո՞ւմ երկրպագել»։ Քանի մարդն ազատ է մնում, նրա համար չկա ավելի տևական ու ավելի տանջալից մտահոգություն, քան այն, որ շուտով գտնի մեկին, որին կարողանա երկրպագել։ Բայց մարդը ձգտում է երկրպագության առարկա դարձնել այն, ինչ անվիճելի է արդեն, այնքան անվիճելի, որ բոլոր մարդիկ միանգամից համաձայն լինեն համորեն երկրպագելու նրան։ Վասնզի այդ խղճալի արարածների մտահոգությունն է ոչ միայն մեկի կամ մյուսի համար երկրպագության առարկա գտնել, այլ գտնել մի բան, որին բոլորը հաստատ հավատան և երկրպագեն, և անպայման բոլորը միասին երկրպագեն։ Ահա այդ ընդհանրական երկրպագության պահանջն է, որ ամեն մի անհատ մարդու և ամբողջ մարդկության գլխավորագույն տանջանքն է եղել ի սկզբանե անտի։ Համընդհանուր երկրպագության համար նրանք իրար են բնաջնջել հրով ու սրով։ Նրանք աստվածներ են ստեղծել և կոչ արել միմյանց. «Թողե՛ք ձեր աստվածներին և եկեք մերիններին երկրպագելու, ապա թե ոչ՝ մա՛հ ձեզ և ձեր աստվածներին»։ Եվ այսպես է լինելու մինչև վախճանն աշխարհի, նույնիսկ այն ժամանակ, երբ աստվածներն էլ անհետանան աշխարհից. միևնույն է՝ կուռքերի առաջ ծնկի կընկնեն։ Դու գիտեիր, դու չէիր կարող չգիտենալ մարդկային բնության այդ հիմնական գաղտնիքը, բայց դու մերժեցիր միակ բացարձակ դրոշը՝ դրոշը երկրային հացի, որ առաջարկվեց քեզ, որպեսզի բոլորին ստիպեիր անվիճելիորեն երկրպագել քո առաջ, և մերժեցիր հանուն ազատության ու երկնային հացի։ Արդ՝ տե՛ս, թե ինչ արեցիր այնուհետև։ Եվ դարձյա՜լ հանուն ազատության։ Ասում եմ քեզ, մարդը չունի ավելի տանջալից մտահոգություն, քան գտնել մեկին, որին կարողանա շուտափույթ կերպով հանձնել ազատության այն շնորհը, որով ծնվում է այդ դժբախտ էակը։ Բայց մարդկանց ազատությանը կարող է տիրանալ միայն նա, ով նրանց խիղճը կհանգստացնի։ Հացը քեզ առաջարկվում էր իբրև անվիճելի դրոշ՝ հա՛ց տուր, և մարդը կերկրպագի, որովհետև չկա ավելի ստույգ բան, քան հացը, բայց եթե միաժամանակ, քեզնից անկախ, ուրիշ մեկը տիրանա նրա խղճին, օ՜, մարդը հայնժամ կնետի նույնիսկ հացը քո և կհետևի այն մեկին, ով գայթակղեցնում է խիղճը նրա։ Այդ առումով դու իրավացի էիր։ Վասնզի մարդկային գոյության խորհուրդը ոչ թե լոկ ապրելն է, այլ որոշ նպատակի համար ապրելը։ Առանց հաստատ պատկերացում ունենալու, թե ինչու է ապրում, մարդը չի համաձայնվի շարունակել իր կյանքը և ավելի շուտ կոչնչացնի իրեն, քան կմնա երկրի վրա, թեկուզ և նրա շուրջը ողողված լինի հացով։ Այդ այդպես է, բայց ի՞նչ տեղի ունեցավ. փոխանակ տիրանալու մարդկանց ազատության, դու ավելի՛ մեծ ազատություն տվիր նրանց։ Կամ թե մոռացա՞ր, որ մարդու համար ավելի թանկ է հանգստությունը և նույնիսկ մահը, քան ընտրելու ազատությունը՝ բարիքի և չարիքի իմացության հարցում։ Չկա ավելի գայթակղիչ բան մարդու համար, քան նրա խղճի ազատությունը, բայց և չկա ավելի տանջալի բան։ Եվ ահա, փոխանակ մարդկային խիղճն առհավետ հանգստացնելու համար ամուր հիմքեր տալու, դու ընտրեցիր ամենայն ինչ, որ արտակարգ է, առեղծվածային և անորոշ, ամենայն ինչ, որ վեր էր մարդկանց ուժերից, ուստի և այնպես վարվեցիր՝ կարծես բոլորովին չէիր սիրում նրանց— այն էլ դո՜ւ, որ եկել էիր քո կյանքը տալու նրանց համար։ Փոխանակ տիրանալու մարդկային ազատության, դու բազմապատկեցիր այդ ազատությունը և դրա պատճառած տանջանքներով ծանրաբեռնեցիր մարդու հոգեկան թագավորությունն առհավետ։ Դու մարդու ազատ սերը ցանկացար, որպեսզի ազատորեն հետևի նա քեզ քեզնով հրապուրված ու գերված։ Հնադարյան անխախտ օրենքին անսալու փոխարեն, մարդը հետայդու պետք է ինքն իր ազատ սրտով որոշեր, թե ո՛րն է բարին և ո՛րն է չարը, իր առաջ ուղեցույց ունենալով քո տիպարը միայն,— բայց միթե դու չմտածեցի՞ր, որ նա ի վերջո կմերժի և նույնիսկ կժխտի թե՛ քո տիպարը, թե՛ քո ճշմարտությունը, եթե ճնշված լինի այնպիսի սարսափելի բեռան տակ, ինչպիսին ընտրելու ազատությունն է։ Նրանք ի վերջո կբացակաչեն, որ դու չես ճշմարիտը, քանզի անկարելի էր ավելի մեծ շփոթության ու տանջանքի մատնել նրանք, քան դու արեցիր, այնքա՜ն հոգսեր ու անլուծելի խնդիրներ բարդելով նրանց վրա։ Այսպես ուրեմն, դու ինքդ քո սեփական թագավորության կործանման հիմքերը դրիր և ոչ ոքի մի՛ մեղադրիր այլևս։ Իսկ ա՞յդ էր արդյոք քեզ առաջարկվածը։ Կա երեք զորություն երկրի վրա, միայն ու միայն երեք զորություն, որոնք կարող են նվաճել ու գերել առհավետ այդ վատուժ ըմբոստների խիղճը՝ նրանց իսկ երջանկության համար. այդ զորություններն են՝ հրաշք, խորհուրդ և հեղինակություն։ Դու երեքն էլ մերժեցիր և ինքդ տվիր օրինակն այդ մերժման։ Երբ սարսափելի և իմաստուն ոգին կացույց քեզ ի վերա աշտարակի տաճարին և ասաց քեզ— «Եթե ուզում ես իմանալ, թե որդի՞ն ես իրոք աստուծո, ա՛րկ զքեզ աստի ի վայր, վասնզի ասված է նրա մասին, թե հրեշտակներն իրենց ձեռքերի վրա կբռնեն նրան, և նա չի ընկնի ու չի ջախջախվի, և հայնժամ կիմանաս, թե իրոք որդին ես աստուծո, և կապացուցես հայնժամ, թե ինչ մեծ է քո հավատքը քո հոր նկատմամբ»,— դու լսեցիր, բայց մերժեցիր առաջարկը և տեղի չտվիր վար նետվելու փորձության։ Օ՜, դու անշուշտ հպարտորեն ու հոյակապ վարվեցիր իբրև աստված, բայց մարդի՜կ, տկար ու ընդվզող այդ ցե՜ղը՝ միթե աստվածնե՞ր են նրանք։ Օ՜, դու հասկացար այն ժամանակ, որ եթե գեթ մի քայլ անեիր, վար նետվելու գեթ մի շարժում, նույն վայրկյանին փորձած կլինեիր աստծուն և կորցրած կլինեիր ամբողջ հավատքդ նրա նկատմամբ ու կջախջախվեիր այն նույն երկրի վրա, որը փրկել ու համար էիր եկել, և կցնծար քեզ փորձող իմաստուն ոգին։ Սակայն, կրկնում եմ, շա՞տ են արդյոք քեզ նմանները։ Եվ միթե իրո՞ք կարող էիր գեթ մի րոպե ենթադրել, թե մարդիկ նույնպես ի վիճակի կլինեն դիմադրելու նման փորձության։ Այնպե՞ս է արդյոք ստեղծված մարդկային բնությունը, որ կարողանա մերժել հրաշքը և կարողանա միայն սրտի ազատ վճռին ապավինել կյանքի այդպիսի ահավոր պահերին՝ իր հոգու հիմնական, տանջալից, ամենասարսափելի խնդիրները դիմագրավելու րոպեներին։ Օ՜, դու գիտեիր, որ քո սխրագործությունը կհավերժանա գրքերում, կհասնի մինչև հեռավոր ժամանակները և ծայրագույն սահմանները երկրի, և հուսացիր, որ մարդը ևս, հետևելով քեզ, կապավինի աստծուն և կարիք չի ունենա հրաշքի։ Սակայն դու չգիտեիր, որ եթե մարդն ամենադույզն չափով մերժի հրաշքը, նույնժամ այն կմերժի և աստծուն, քանզի մարդը ոչ այնքան աստծուն է կարոտ, որքան հրաշքների։ Եվ քանի որ մարդն ի վիճակի չէ առանց հրաշքի մնալու, նա իր համար կստեղծի նոր, արդեն սեփական հրաշքներ, և այլևս կերկրպագի կախարդների հրաշագործությանը, վհուկների հմայքին, թեկուզ և հարյուրապատիկ ավելի ըմբոստ լինի, հերետիկոս և անաստված։ Դու չիջար խաչից, երբ անարգելով ու ծաղրելով գոռում էին քեզ. «Իջի՛ խաչից և կհավատանք, որ դու ես այն»։ Դու չիջար, որովհետև դարձյալ չուզեցիր հրաշքի միջոցով ստրկացնել մարդուն և ցանկացար, որ հավատքն ազատ լինի, ոչ թե հրաշքի վրա հիմնված։ Ազատ սեր ցանկացար, և ոչ թե ստրուկի ստորաքարշ հիացմունքն այն զորության առջև, որ առհավետ ահաբեկել է նրան։ Բայց այստեղ ևս դու չափազանց բարձր գնահատեցիր մարդկանց, զի նրանք ստրուկներ են անշուշտ, թեև ըմբոստ են ստեղծված։ Նայի՛ր չորս կողմդ և դատիր. տասնհինգ դար է անցել ահա, և գնա՜ ու նայիր հիմա նրանց, տես՝ ո՞ւմ ես հասցրել քո բարձրության։ Երդվում եմ, մարդն ստեղծված է ավելի տկար և ստոր, քան դու նրան գնահատում էիր։ Կարո՞ղ է, կարո՞ղ է նա կատարել այն, ինչին դու ես ընդունակ։ Այնքա՜ն հարգելով հանդերձ մարդուն, դու այնպես վարվեցիր, որ կարծես չէիր կարեկցում այլևս նրան, որովհետև չափազանց շատ պահանջեցիր նրանից,— այն էլ դո՜ւ, որ նրան սիրեցիր քո անձից ավելի։ Նվազ հարգելով մարդուն, նվազ էլ կպահանջեիր նրանից, և դա ավելի նման կլիներ սիրո, որովհետև ավելի թեթև կլիներ մարդու բեռը։ Նա տկար է և անարգ։ Ի՜նչ փույթ թե նա հիմա ամենուրեք ընդվզում է մեր իշխանության դեմ և հպարտանում է իր ընդվզումով։ Դա երեխայի և դպրոցականի հպարտություն է։ Փոքր երեխաներ են նրանք, որ ընդվզում են դասարանում և վտարել ուսուցչին։ Բայց վերջ կգտնի նաև մանկտոց ուրախությունը, և այդ ուրախությունը թանկ կնստի նրանց վրա։ Նրանք կկործանեն տաճարները և արյամբ կողողեն երկիրը։ Սակայն հիմար երեխաներն ի վերջո կհասկանան, որ թեև ըմբոստ են իրենք, բայց վատուժ ըմբոստներ են, որոնք չեն կարող իրենց սեփական ըմբոստությանը դիմանալ։ Իրենց հիմար արցունքները թափելով, նրանք վերջապես կգիտակցեն, թե նա, ով ըմրոստ է ստեղծել իրենց, անտարակույս ուզել է ծիծաղել իրենց վրա։ Նրանք հուսահատությամբ պիտի ասեն այդ, և նրանց ասածը պիտի լինի աստվածուրացություն, որ պիտի ավելի խորացնի նրանց ապերջանկությունը, որովհետև մարդկային բնությունը չի կարող աստվածուրացություն հանդուրժել և վերջ ի վերջո ինքն է միշտ վրեժ լուծում դրա համար։ Այսպես ուրեմն, խռովք, շփոթ և ապերջանկություն՝ ահա մարդկանց վիճակն այժմ, նրանց ազատության համար քո կրած այնքան տառապանքներից հետո։ Քո մեծ մարգարեն տեսիլքով և այլաբանորեն ասում է, թե տեսել է առաջին հարության բոլոր մասնակիցներին, և թե յուրաքանչյուր պորտից տասներկու հազար հոգի կար այնտեղ։ Բայց եթե այդքան էին, ուրեմն նրանք ևս ոչ թե մարդիկ էին երևի, այլ աստվածներ։ Քո խաչն էին կրել նրանք, տասնյակ տարիներով տոկացել էին սովալլուկ ու մերկ անապատում, սնվել մորեխներով ու արմատներով, և դու անշուշտ կարող ես հպարտությամբ մատնացույց անել ազատության և ազատ սիրո այդ զավակներին, նրանց ազատ ու հոյակապ զոհաբերությունը հանուն քո։ Բայց հիշիր, որ նրանք ընդամենը մի քանի հազար էին, այն էլ աստվածներ, իսկ մնացյալնե՞րը։ Ի՞նչ մեղք ունեն մնացյալ տկար մարդիկ, եթե չեն կարողացել կրել այն, ինչ կրել են հզորները։ Ի՞նչ մեղք ունի տկար հոգին, եթե ի վիճակի չէ այնքան սոսկալի շնորհներ ընկալելու իր մեջ։ Եվ միթե իրո՞ք դու եկել էիր լոկ ընտրյալների մոտ և ընտրյալների համար։ Բայց եթե այդպես է, ապա մի խորհուրդ է դա, որ մենք չենք կարող ըմբռնել։ Իսկ եթե խորհուրդ է, ապա մենք ևս իրավունք ունենք խորհուրդ քարոզելու և ուսուցանելու, թե կարևոր է ոչ թե նրանց սրտերի ազատ վճիռը, ոչ թե սերը, այլ խորհուրդը, որին պետք է կուրորեն անսան, նույնիսկ անկախ իրենց խղճից։ Այդպես և արեցինք։ Սրբագրեցինք սխրագործությունը քո և հիմնեցինք հրաշքի, խորհուրդի և հեղինակության վրա։ Եվ մարդիկ ուրախացան, որ կրկին առաջնորդվում են ոչխարների հոտի նման, և որ վերջապես նրանց սրտերն ազատված են՝ այնքա՜ն տառապանքներ պատճառած սարսափելի շնորհից։ Իրավացի՞ էինք մենք այդպես ուսուցանելով և այդպես գործելով, ասա՛։ Միթե չէի՞նք սիրում մենք մարդկությանը, այնքան խոնարհաբար գիտակցելով տկարությունը նրա, սիրով թեթևացնելով նրա բեռը և թույլատրելով նրա անզոր բնությանը մինչև անգամ մեղք գործել, բայց մե՛ր արտոնությամբ։ Արդ՝ ինչո՞ւ ես այժմ եկել մեզ խանգարելու։ Եվ ի՛նչ ես լուռ ու խորաթափանց նայում ինձ քո հեզ աչքերով։ Զայրացի՛ր։ Ես չեմ ուզում քո սերը, որովհետև ինքս չեմ սիրում քեզ։ Եվ ի՞նչ ունեմ քեզնից թաքցնելու։ Կամ միթե չգիտե՞մ, թե ում հետ եմ խոսում։ Իմ բոլոր ասելիքներն արդեն հայտնի են քեզ, ես այդ կարդում եմ աչքերի մեջ քո։ Եվ ե՞ս եմ միթե թաքցնելու մեր խորհուրդը քեզնից։ Գուցե դու հատկապես ուզում ես ի՛մ շրթներից լսել այն։ Լսի՛ր ուրեմն, մենք ոչ թե քեզ հետ ենք, այլ նրա հետ, ահա՛ մեր խորհուրդը։ Արդեն վաղո՜ւց, արդեն ութ դար է, ինչ նրա հետ ենք, ոչ թե քե՛զ։ Ուղիղ ութ դար առաջ մենք նրանից վերցրինք այն, ինչ դու մերժեցիր վրդովմունքով, այն վերջին շնորհը, որ նա առաջարկեց քեզ, ցույց տալով երկրային բոլոր թագավորությունները. մենք նրանից վերցրինք Հռոմն ու Կեսարի թուրը և ինքներս մեզ հռչակեցինք թագավորներ երկրային, միահեծան թագավորներ, թեև չենք կարողացել մեր գործն իր լիակատար ավարտին հասցնել առ այսօր։ Բայց ո՞վ է մեղավորը։ Օ՜, մինչև այժմ այդ գործի սկիզբն է միայն դրված, բայց արդեն սկսվել է գործը։ Դեռ երկար պետք է սպասել ավարտին, և դեռ շատ տառապանքներ է կրելու երկիրը, բայց կհաղթանակենք մենք ու կդառնանք կեսարներ, և հետո արդեն կմտածենք մարդկանց համաշխարհային երջանկության մասին։ Այնինչ դու կարող էիր դեռ այն ժամանակ վերցնել Կեսարի թուրը։ Ինչո՞ւ մերժեցիր այդ վերջին շնորհը։ Ընդունելով հզոր ոգու այդ երրորդ խորհուրդը, դու կիրագործեիր ամենայն ինչ, որ մարդը տենչում է երկրի վրա, այսինքն՝ թե ո՛ւմ վստահել իր խիղճը և ինչ ձևով վերջապես միանալ վեճ չհարուցող համընդհանուր ու համերաշխ մի մրջնանոցում, վասնզի համաշխարհային միավորման պահանջը երրորդ ու վերջին տանջանքն է մարդկանց։ Մարդկությունն իր ամբողջության մեջ միշտ ձգտել է համաշխարհային կարգ հաստատել անպայման։ Բազմաթիվ մեծ ժողովուրդներ են եղել իրենց մեծ պատմությամբ, բայց որքան ավելի բարձր էին այդ ժողովուրդները, այնքան ավելի ապերջանիկ էին, որովհետև մյուսներից ավելի խոր գիտակցում էին մարդկանց համաշխարհային միավորման պահանջը։ Մեծ աշխարհակալները, Թիմուրներն ու Չինգիզ-խաները մրրիկի նման անցել են երկրի երեսով, ձգտելով տիեզերքը նվաճել, բայց նրանք ևս, թեև անգիտակցորեն, արտահայտել են մարդկության այդ նույն մեծ պահանջը համաշխարհային և համընդհանուր միավորման։ Եթե ընդունեիր աշխարհն ու Կեսարի ծիրանին, դու համաշխարհային թագավորություն կհիմնեիր և կպարգևեիր համաշխարհային խաղաղություն։ Վասնզի ո՞վ պետք է տիրի մարդկանց, եթե ոչ նա, ով տիրում է նրանց խղճին, և որի ձեռքումն է գտնվում նրանց հացը։ Եվ մենք ահա վերցրինք Կեսարի թուրը և այդպիսով, անշուշտ, մերժեցինք քեզ ու հետևեցինք նրան։ Օ՜, դեռ բազում դարեր կտևի ազատ մտքի անկարգությունը, նրանց գիտության ու մարդակերության շփոթը, որովհետև, սկսելով իրենց բաբելոնյան աշտարակը կառուցել առանց մեզ, նրանք ի վերջո կհասնեն մարդակերության։ Բայց այդ ժամանակ է, որ գազանը պիտի գետնաքարշ մոտենա մեզ և լիզի ոտքերը մեր, պիտի ցողի դրանք իր աչքերի արյունոտ արցունքներով։ Եվ մենք կնստենք գազանի մեջքին ու կբարձրացնենք բաժակը, որի վրա գրված կլինի՝ «խորհո՜ւրդ»։ Բայց ահա այն ժամանակ և միա՛յն այն ժամանակ կհասնի խաղաղության ու երջանկության թագավորությունը մարդկանց համար։ Դու հպարտանում ես քո ընտրյալներով, բայց դու միայն ընտրյալներ ունես, մինչ մենք հանգստություն կպարգևենք բոլորին։ Եվ դեռ՝ այդպե՞ս է արդյոք. քանի՜-քանիներն այդ ընտրյալներից, քանի՜-քանիներն այն հզորներից, որոնք կարող էին ընտրյալներ լինել, հոգնել են վերջապես քեզ սպասելով, և ա՛յլ դաշտի վրա են փոխադրել ու դեռ կփոխադրեն ուժերն իրենց ոգու և ջերմությունն իրենց սրտի և վերջ ի վերջո քո իսկ դեմ կբարձրացնեն ազատ դրոշն իրենց։ Բայց դու ինքդ բարձրացրիր այդ դրոշը։ Իսկ մեր ձեռքի տակ բոլորն են լինելու երջանիկ և այլևս ո՛չ ըմբոստանալու են, ոչ էլ իրար են ոչնչացնելու, ինչպես ամենուրեք անում են քո ընծայած ազատության շնորհիվ։ Օ՜, մենք կհամոզենք նրանց, որ ա՛յն ժամանակ միայն կդառնան ազատ, երբ հօգուտ մեզ հրաժարվեն իրենց ազատությունից և հնազանդվեն մեզ։ Եվ ի՞նչ, իրավո՞ւնք կունենանք, թե ստած կլինենք։ Իրենք իսկ կհամոզվեն, որ մենք իրավունք ունենք, քանզի կհիշեն, թե ստրկության ու խռովության ինչպիսի արհավիրքներ է բերել քո ազատությունը նրանց գլխին։ Ազատությունը, ազատ միտքն ու գիտությունը նրանց կտանեն դեպի այնպիսի խորխորատներ և կկանգնեցնեն այնպիսի հրաշքների և անլուծելի խորհուրդների առջև, որ նրանցից ոմանք, ըմբոստներն ու կատաղիները, իրենք իրենց կոչնչացնեն, ուրիշ ըմբոստներ, թերուժ լինելով, կոչնչացնեն իրար, իսկ մնացյալները, վատուժ ու դժբախտ արարածներ, գետնաքարշ կմոտենան մեր ոտքերին ու ողբաձայն կաղաղակեն. «Այո, դուք իրավունք ունեիք, դո՛ւք միայն գիտեք խորհուրդը նրա, և ձեզ ենք վերադառնում, փրկեցեք մեզ հենց մեզանից»։ Հաց ստանալով մեզնից, նրանք անշուշտ պարզորեն կտեսնեն, թե մենք նրանցից վերցնում ենք իրենց իսկ ձեռքերով հայթայթված հացը, որպեսզի իրենց իսկ բաժանենք՝ առանց որևէ հրաշքի։ Կտեսնեն, թե մենք քարերը չենք վերածել հացի, բայց նրանք ճշմարտապես ուրախանալու են ոչ այնքան բուն հացի համար, որքան այն բանի, որ մե՛ր ձեռքից են ստանում հացը։ Վասնզի շատ լավ են հիշելու, որ առաջ, առանց մեզ, նրանց հայթայթած հացն անգամ քար էր դառնում իրենց ձեռքերում, իսկ երբ վերադարձան մեզ, քարերն անգամ նրանց ձեռքերում հաց դարձան։ Չափազանց, չափազա՜նց թանկ են գնահատելու նրանք առընդմիշտ հնազանդվելու երանությունը։ Եվ մինչև մարդիկ չհասկանան այդ, ապերջանիկ են լինելու։ Ո՞վ ամենից ավելի նպաստեց, որ մարդիկ չհասկանան այդ, ասա՛։ Ո՞վ բաժան֊բաժան արեց ոչխարների հոտը և ցրեց անծանոթ ուղիներով։ Բայց հոտը նորից կհավաքվի ու նորից կհնազանդվի, և այս անգամ արդեն առհավետ։ Հանյժամ մենք նրանց կպարգևենք խաղաղ, խոնարհ երջանկություն, երջանկությունն անզոր էակների, ինչպես որ են նրանք ի բնե։ Օ՜, մենք կհամոզենք նրանց վերջապես, որ հպարտ չլինեն, վասնզի դու բարձրացրիր նրանց և այդու սովորեցրիր հպարտ լինել։ Կապացուցենք նրանց, որ անզոր են, որ խեղճ երեխաներ են միայն, բայց որ մանկական երջանկությունը ամենից քաղցրն է։ Նրանք երկչոտ կդառնան և վախվխելով կնայեն մեզ ու կսեղմվեն մեր շուրջ, ինչպես ճտերը թխսկան հավի շուրջ։ Նրանք կսքանչանան մեզնով ու կզարհուրեն մեզնից և կհպարտանան, որ մենք այնքա՜ն հզոր ենք ու այնքա՜ն խելացի, որ կարողացել ենք սանձահարել այդպիսի անզուսպ հազարամիլիոն հոտը։ Նրանք ուժակորույս դողդողալու են մեր ցասումից, վեհերոտ է դառնալու նրանց միտքը, հեշտորեն արցունք են թափելու երեխաների ու կանանց նման, բայց և նույնքան հեշտորեն, մեր արած մի նշանով, անցնելու են զվարճության ու ծիծաղի, պայծառ խնդության ու մանկական երանավետ երգերի։ Այո, մենք նրանց կստիպենք աշխատել բայց ազատ ժամերին նրանց կյանքը կդարձնենք մանկական խաղի նման՝ մանկական երգերով, խմբերգերով և անմեղ պարերով։ Օ՜, նրանց կթույլատրենք նաև մեղք գործել, տկար են նրանք և անզոր, և նրանք երեխաների նման կսիրեն մեզ այն պատճառով, որ թույլ ենք տալիս մեղք գործել։ Մենք կասենք նրանց, որ որևէ մեղք թողություն է գտնելու, եթե գործվի մեր արտոնությամբ, և որ թույլ ենք տալիս մեղք գործել, որովհետև սիրում ենք նրանց, իսկ մեղքերի համար պատիժը հոժարակամ վերցնում ենք մեր վրա։ Եվ կվերցնե՛նք պատիժը մեր վրա, իսկ նրանք մեզ կպաշտեն որպես բարերարների, որոնք նրանց մեղքերը հանձն են առել աստծո առաջ։ Եվ նրանք ոչ մի գաղտնիք չեն ունենալու մեզնից։ Մենք նրանց թույլ ենք տալու կամ արգելելու ենք ապրել իրենց կանանց ու սիրուհիների հետ, ունենալ կամ չունենալ երեխաներ՝ նայած թե հնազանդ են կամ ոչ, և նրանք մեզ ենթարկվելու են խնդությամբ ու բերկրանքով։ Իրենց խղճի ամենատանջալից գաղտնիքները՝ ամե՜ն ինչ, ամե՜ն ինչ բերելու են մեզ, և մենք ամեն ինչ կլուծենք, և նրանք ուրախությամբ կհավատան մեր տված լուծմանը, որովհետև դա կփրկի նրանց՝ անձնապես և ազատորեն որոշում ընդունելու մեծ հոգսից ու սարսափելի տանջանքներից, որոնց ենթակա են այժմ։ Եվ բոլորը երջանիկ են լինելու, բոլոր այդ միլիոնավոր էակները, բացի նրանց ղեկավարող հարյուր հազարից։ Վասնզի մենք միայն, մենք, որ խորհուրդն ենք պահում, լոկ մենք ենք լինելու ապերջանիկ։ Միլիոնավոր ու միլիոնավոր երջանիկ մանուկներ են լինելու և հարյուր հազար տառապյալներ, որոնք հանձն են առել բարիքի ու չարիքի իմացության անեծքը։ Միլիոնները հանդարտորեն կմեռնեն, հանդարտորեն կհանգչեն հանուն քո և ի գերեզմանե անտի ոչ այլ ինչ կգտնեն, բայց միայն մահ։ Սակայն մենք կպահենք գաղտնիքը և երկնային ու հավիտենական պարգևով կհուսադրենք նրանց՝ իրենց իսկ երջանկության համար։ Վասնզի՝ եթե իրոք որևէ բան լիներ անդենական աշխարհում, անշուշտ կլիներ ոչ այնպիսիների համար, ինչպիսիք նրանք են։ Ասում են ու մարգարեանում, թե դու կգաս ու կհաղթանակես կրկին, կգաս քո հպարտ ու հզոր ընտրյալներով, բայց մենք կասենք, որ ընտրյալներն իրենց անձը միայն փրկեցին, իսկ մենք փրկեցինք բոլորին։ Ասում են, թե խայտառակվելու է գազանի վրա նստած պոռնիկը, որն իր ձեռքերում խորհուրդն է պահել, և թե կրկին ըմբոստանալու են անզորները, պատառոտելու են նրա ծիրանին և մերկացնելու են նրա «նողկալի» մարմինը։ Բայց ես ոտքի կելնեմ հայնժամ և ցույց կտամ քեզ միլիոնավոր ու միլիոնավոր մանուկներին, որոնք չեն էլ իմացել, թե ինչ բան է մեղքը։ Եվ մենք, որ հանձն ենք առել նրանց մեղքերը վասն նրանց երջանկության, կկանգնենք քո դիմաց ու կասենք. «Դատի՛ր մեզ, եթե կարող ես ու հանդգնում ես»։ Իմացի՜ր, որ ես չեմ վախենում քեզնից։ Իմացիր, որ ես նույնպես եղել եմ անապատում, նույնպես սնվել եմ մորեխներով ու արմատներով, նույնպես օրհներգել եմ ազատությունը, որով դու օրհնել ես մարդկանց, և ես պատրաստվում էի մտնելու քո ընտրյալների շարքը, հզորների և ուժեղների շարքը, «թիվը լրացնելու» տենչանքով։ Բայց ես սթափվեցի և չուզեցի ծառայել խելագարության։ Ես վերադարձա ու հարեցի նրանց դասին, ովքեր սրբագրել են քո սխրագործությունը։ Ես հեռացա հպարտներից ու վերադարձա խոնարհներին՝ այդ խոնարհների երջանկության համար։ Այն, ինչ ասում եմ քեզ, կկատարվի, և կկառուցվի մեր թագավորությունը։ Կրկնում եմ, վաղն ևեթ կտեսնես այն հնազանդ հոտը, որ իմ ձեռքի առաջին իսկ շարժումով կնետվի հրաշեկ ածուխներ կիտելու քո խարույկին։ Եվ այդ խարույկի վրա այրելու եմ քեզ վասն այնորիկ, որ եկել ես խանգարելու մեզ։ Քանզի եթե եղել է մեկը, որ առավել քան բոլորը արժանի է դարձել մեր խարույկին, այդ դո՛ւ ես։ Վաղն այրելո՛ւ եմ քեզ։ Dixi» (ասացի — լատ.)։

Իվանը կանգ առավ։ Նա տաքացել էր խոսելու ընթացքում և խոսում էր հափշտակված. իսկ երբ վերջացրեց, հանկարծ ժպտաց։

Ալյոշան, որ լուռ լսել էր նրան շարունակ, իսկ վերջում, չափազանց հուզված, բազմիցս մղվել էր ընդհատելու եղբոր խոսքը, բայց ըստ երևույթին զսպել էր իրեն, հանկարծ այնպես սկսեց խոսել՝ կարծես վեր թռավ տեղից։

— Բայց... անհեթե՛թ բան է դա,— գոռաց նա կարմրելով։ — Քո պոեմը գովերգում է Հիսուսին, ոչ թե պարսավում... ինչպես ուզում էիր դու։ Եվ ո՞վ քեզ կհավատա ազատության հարցում։ Այդպե՞ս պետք է հասկանալ ազատությունը, այդպե՞ս։ Ա՞յդ ձևով է հասկանում ուղղափառ եկեղեցին... Հռո՛մն է դա, այն էլ ոչ թե ամբողջ Հռոմը, ճիշտ չէ՛, կաթոլիկների մեջ վատթարագույններն են նրանք՝ հավատաքննիչնե՛րը, ճիզվիտնե՛րը... Եվ բնավ չի կարող լինել այնպիսի ցնորական մի դեմք, ինչպիսին քո հավատաքննիչն է։ Այդ ո՞ր մեղքերն են մարդկանց, որ նրանք հանձն են առել։ Այդ ի՞նչ խորհուրդ կրողներ են, որ ինչ֊որ անեծք են հանձն առել մարդկանց երջանկության համար։ Ո՞վ և ե՞րբ է տեսել նրանց։ Գիտենք ճիզվիտներին, նրանց մասին վատ են խոսում, բայց ա՞յն են նրանք, ինչ դու ես ներկայացնում։ Բոլորովին այն չեն, ոչ, ամենևին ոչ... Նրանք պարզապես հռոմեական բանակն են, ձգտում են երկրի վրա ստեղծել ապագա համաշխարհային մի թագավորություն, որի գլխին նստելու է հռոմի քահանայապետն իբրև կայսր... ահա՛ նրանց իդեալը, բայց ոչ մի խորհուրդ ու վեհ տրտմություն չկա դրա մեջ... Ամենահասարակ մի տենչանք՝ տիրելու, երկրային կեղտոտ բարիքներ վայելելու, ստրկացնելու... մի տեսակ ապագա ճորտատիրություն, որտեղ նրանք կալվածատերեր կդառնան... ահա՛ նրանց ամբողջ ուզածը։ Գուցե նրանք աստծուն էլ չեն հավատում։ Քո տառապող հավատաքննիչը ցնորք է միայն...

— Սպասի՛ր, սպասի՛ր,— ծիծաղեց Իվանը,— ինչպե՞ս բռնկվեցիր մեկեն։ Ցնորք է, ասում ես, թո՛ղ այդպես լինի։ Իհարկե ցնորք է։ Բայց ասա՛ խնդրեմ՝ դու իրո՞ք կարծում ես, թե վերջին դարերի այդ ամբողջ կաթոլիկ շարժումը պարզապես տիրելու տենչանք է արդարև՝ հենց միայն կեղտոտ բարիքներ վայելելու համար։ Հայր Պաիսի՞ն է քեզ այդպես սովորեցնում։

— Ոչ, ոչ, ընդհակառակը, հայր Պաիսին մի անգամ նույնիսկ քո ասածի նման մի բան ասաց... բայց անշուշտ նույն բանը չէր, բնավ նույնը չէր,— հանկարծ գլխի ընկավ Ալյոշան։

— Այնուամենայնիվ թանկագին վկայություն, չնայած քո «բնավ նույնը չէր» ասելուն։ Ես հենց հարց եմ տալիս քեզ, ինչո՞ւ պարզապես նյութական կեղտոտ բարիքների համար են միավորվել քո ճիզվիտներն ու հավատաքննիչները։ Ինչո՞ւ նրանց մեջ չի կարող լինել ոչ մի տառապյալ, որ տվայտում է մեծ վշտով և սիրում է մարդկությանը։ Գիտե՞ս ինչ, ենթադրիր, թե եղել է գեթ մեկ հոգի այն բոլորի մեջ, որոնք միայն նյութական կեղտոտ բարիքներ են ցանկանում, միայն մեկ հոգի, որն իմ ծերունի հավատաքննիչի նման արմատներ է կերել անապատում և մոլեգնորեն ճգնել է հաղթահարել իր մարմինը՝ ազատ ու կատարյալ դարձնելու համար իր անձը, բայց և իր ամբողջ կյանքում սիրել է մարդկությունը և հանկարծ սթափվել ու տեսել է, թե մի մեծ բարոյական երանություն չէ ազատ կամքի կատարելության հասնելը, եթե միաժամանակ համոզվում էս, որ աստծո մնացյալ միլիոնավոր արարածները մնում են լոկ իբրև ծաղր ստեղծված, որ նրանք երբեք ի վիճակի չեն լինի գլուխ հանելու իրենց ազատությունից, որ խեղճ ըմբոստները երբեք չեն դառնա հսկաներ՝ ավարտելու համար աշտարակը, և թե մեծ գաղափարապաշտն այդպիսի սագերի համար չէ, որ երազել է իր ներդաշնակությունը։ Հասկանալով այդ բոլորը նա վերադարձել է և հարել... խելացի մարդկանց։ Չէ՞ր կարող միթե այդպիսի բան պատահել։

— Ո՞ւմ է հարել, ո՞ր խելացի մարդկանց,— բացականչեց Ալյոշան համարյա կրակ կտրած։— Ո՛չ մի այդպիսի խելք չունեն նրանք, ո՛չ էլ այդպիսի խորհուրդներ ու գաղտնիքներ... Գուցե միայն ու միայն անաստվածություն, ահա՝ նրանց ամբողջ գաղտնիքը։ Քո հավատաքննիչը չի հավատում աստծուն, ահա՝ նրա ամբողջ գաղտնիքը։

— Թեկուզ և այդպե՛ս։ Վերջ ի վերջո գլխի ընկար։ Եվ իրոք այդպես է, իրոք ա՛յդ է միայն ամբողջ գաղտնիքը, բայց մի՞թե տառապանք չէ դա, գոնե նրա նման մարդու համար, որ իր ամբողջ կյանքն է փչացրել անապատում ճգնելով և չի բուժվել մարդկության հանդեպ սեր տածելուց։ Իր կյանքի վերջալույսին գալիս է այն հստակ համոզման, թե մեծ ու սարսափելի ոգու տված խորհուրդնե՛րը միայն կարող էին թեկուզ որոշ չափով տանելի կյանք ստեղծել անզոր ըմբոստների համար, այդ «անկատար, փորձնական արարածների, որոնք իբրև ծաղր են ստեղծված»։ Եվ ահա, այդպիսի համոզման գալով, նա տեսնում է, որ պետք է գնալ իմաստուն ոգու՝ մահվան ու կործանման սարսափելի ոգու ցույց տված ճանապարհով, ուստի և պետք է ընդունել սուտն ու խաբեությունը և արդեն գիտակցորեն մարդկանց տանել դեպի մահ ու կործանում, ընդ որում խաբել նրանց ամբողջ ճանապարհին, որպեսզի նրանք որևէ կերպ չկարողանան նկատել, թե որտեղ են տանում իրենց, և որպեսզի այդ խեղճ կույրերը գոնե ճանապարհին իրենց երջանիկ համարեն։ Եվ նկատի ունեցիր, խաբեություն՝ հանուն նրա, որի իդեալին այնքա՜ն ջերմեռանդորեն հավատացել է ծերունին իր ամբո՜ղջ կյանքում։ Միթե տառապանք չէ՞ դա։ Եվ եթե այդպիսի մե՛կ հոգի թեկուզ գլխավորեր այդ ամբողջ բանակը, որ «տենչում է տիրել միայն կեղտոտ բարիքներ վայելելու համար», միթե բավական չէ՞ր լինի այդ մեկ հոգին, որ դա ողբերգություն լիներ։ Ավելին, այդպիսի մեկի գլխավորելը բավական է, որ վերջապես Հռոմի գործը, իր բոլոր բանակներով ու ճիզվիտներով, ունենա իր իսկական առաջնորդող գաղափարը, այդ գործի գերագույն գաղափարը։ Ուղղակի ասեմ քեզ, ես հաստատ հավատում եմ, որ շարժման գլուխը կանգնածների մեջ միշտ էլ եղել է այդպիսի եզակի մարդ։ Ո՞վ գիտե, գուցե և Հռոմի քահանայապետերի մեջ եղել են այդ եզակիները։ Ո՞վ գիտե, գուցե այդ անիծյալ ծերունին, որ այնպես համառորեն և այնպես յուրովի սիրում է մարդկությանը, հիմա էլ գոյություն ունի՝ այդպիսի բազմաթիվ եզակի ծերունիների մի ամբողջ կաճառի ձևով, և գոյություն ունի ոչ թե պատահականորեն, այլ ըստ համաձայնության, որպես գաղտնի միություն, որն արդեն վաղուց կազմակերպվել է՝ պահելու համար խորհուրդը, պահելու համար ապերջանիկ ու անզոր մարդկանցից, որպեսզի երջանիկ դարձնի նրանց։ Այդ այդպես է անպայման, և այդպես էլ պետք է լինի։ Ինձ թվում է, թե նույնիսկ մասոններն այդ խորհուրդի նման մի բան ունեն իրենց հիմքում, և թե այդ պատճառով է, որ կաթոլիկներն այդպես ատում են մասոններին, նրանց մեջ տեսնելով մրցակիցների, տեսնելով միասնական գաղափարի տրոհումը, այնինչ պետք է լինի մի հոտ և մի հովիվ... Բայց, իմ միտքը պաշտպանելով, ես նմանվում եմ մի հեղինակի, որ չի հանդուրժել քո քննադատությունը։ Բավական է այս մասին։

— Գուցե ի՛նքդ մասոն ես,— թռավ հանկարծ Ալյոշայի բերնից։— Դու չես հավատում աստծուն,— ավելացրեց նա, բայց արդեն խորունկ տրտմությամբ։ Բացի այդ, նրան թվաց, որ եղբայրը հեգնանքով է նայում իրեն։— Ինչպե՞ս է վերջանում քո պոեմը,— հարցրեց նա հանկարծ, գետին նայելով,— կամ թե վերջացա՞վ արդեն։

— Ուզում էի այսպես վերջացնել, երբ լռում է հավատաքննիչը, որոշ ժամանակ սպասում է, թե ինչ կպատասխանի իր գերյալը։ Նրա լռությունը ճնշում է հավատաքննիչին։ Տեսավ, թե ինչպես գերյալն ամբողջ ժամանակ լսում էր հանգիստ ու խորաթափանց, նայելով ուղիղ նրա աչքերի մեջ և, ըստ երևույթին, չցանկանալով որևէ առարկություն անել։ Ծերունին կուզենար, որ նա որևէ բան ասեր, թեկուզ և դառն, սարսափելի մի բան։ Բայց նա հանկարծ լուռ մոտենում է ծերունուն և մեղմիվ համբուրում նրա իննսունամյա անարյուն շրթունքները։ Ահա ամբողջ պատասխանը նրա։ Ծերունին ցնցվում է։ Դողդողում են նրա շրթունքների ծայրերը։ Գնում է դեպի դուռը, բացում է և ասում նրան. «Գնա՛ և մի՛ գա այլևս... բնա՛վ մի գա... երբե՜ք, երբե՜ք»։ Եվ արձակում է նրան «քաղաքի մութ փողոցների» մեջ։ Գերյալը գնում է։

— Իսկ ծերունի՞ն։

— Համբույրը վառվում է նրա սրտում, բայց ծերունին մնում է իր նախկին գաղափարին կառչած։

— Եվ դո՞ւ էլ նրա հետ, դո՞ւ էլ,— ցավագին բացականչեց Ալյոշան։

Իվանը ծիծաղեց։

— Բայց ախր դատարկ բան է այս ամբողջը, Ալյոշա, պարզապես անմիտ մի պոեմը անմիտ մի ուսանողի, որը նույնիսկ երկու տող բանաստեղծություն չի գրել երբեք։ Ինչո՞ւ ես այդքան լուրջ ընդունում։ Չլինի՞ մտածում ես, թե հիմա ուղղակի գնալու եմ այնտեղ, ճիզվիտների մոտ, որ մտնեմ նրա սխրագործությունը սրբագրող մարդկանց շարքերը։ Իմ ի՞նչ գործն է, ի սեր աստծո։ Ասացի քեզ, չէ՞, մինչև երեսուն տարեկանս հասնեմ միայն... իսկ հետո՝ կշպրտե՛մ բաժակը գետին։

— Իսկ կպչուն տերևիկնե՞րը, թանկագին գերեզմաննե՞րը, կապույտ երկի՞նքը, սիրելի կի՞նը։ Ինչպե՞ս ես դու ապրելու, ինչպե՞ս ես սիրելու նրանց,— վշտագին բացականչեց Ալյոշան։— Միթե կարելի՞ է ապրել ու սիրել այդպիսի դժոխք ունենալով կրծքում ու գլխի մեջ։ Ո՜չ, դու հենց գնում ես, որ նրանց միանաս... ապա թե ոչ, ինքդ քեզ կսպանես, չե՛ս կարող դիմանալ։

— Կա մի ուժ, որով ամեն ինչի կարելի է դիմանալ,— ասաց Իվանն արդեն սառն քմծիծաղով։

— Ի՞նչ ուժ։

— Կարամազովյան ուժը... կարամազովյան ստորության ուժը։

— Անառակությա՞ն մեջ մխրճվել, հոգիդ խեղդե՞լ ապականության մեջ, հա՞, հա՞։

— Թերևս ա՛յդ էլ... միայն թե՝ գուցե մինչև երեսուն տարեկանս խուսափեմ, իսկ հետո...

— Բայց ինչպե՞ս կխուսափես։ Ի՞նչ միջոցով։ Անկարելի բան է, քանի այդ գաղափարներով ես տարված։

— Դարձյալ կարամազովյան ձևով։

— «Ամեն ինչ թույլատրելի է» ուզում ես ասե՞լ։ Ամեն ինչ թույլատրելի է, չէ՞, այդպե՞ս։

Իվանը հոնքերը կիտեց և հանկարծ տարօրինակ գունատվեց։

— Ա՜, դու բռնեցիր երեկվա խոսքի՞ց, որն այնպես վիրավորեց Միուսովին... և որ Դմիտրին այնպես միամտորեն վերցրեց ու պարզաբանեց հանկարծ,— ծուռ ժպտաց նա։— Այո, ինչո՞ւ չէ, «ամեն ինչ թույլատրելի է», քանի արդեն ասվել է խոսքը։ Չեմ հրաժարվում։ Միտյայի պարզաբանած ձևով էլ վատ չէ։

Ալյոշան լուռ նայում էր նրան։

— Ես, եղբայր իմ, մեկնելով այստեղից, մտածում էի, թե գոնե քե՛զ ունեմ ամբողջ աշխարհում, —անակնկալ զգացմունքով ասաց հանկարծ Իվանը։— Իսկ հիմա տեսնում եմ, որ քո սրտում էլ տեղ չունեմ, իմ սիրելի՝ ճգնավոր։ «Ամեն ինչ թույլատրելի է» բանաձևից չեմ հրաժարվի, դե՜հ ուրեմն, դո՞ւ ինձնից կհրաժարվես դրա համար, հա՞։ Այո՞։

Ալյոշան վերկացավ, մոտեցավ նրան և լուռ համբուրեց նրա շրթունքները մեղմիվ։

— Գրագողոթյո՜ւն,— պոռաց Իվանը, խիստ ոգևորվելով հանկարծ։— Իմ պոե՜մից գողացար։ Բայց և այնպես, շնորհակալ եմ։ Վե՛ր կաց, Ալյոշա, գնանք, ժամանակ է և՛ ինձ, և՛ քեզ համար։

Նրանք դուրս եկան, բայց կանգնեցին գինետան մուտքի առաջ։

— Լսի՛ր ինձ, Ալյոշա,— ասաց Իվանը կորովի ձայնով,— եթե իրոք կարողանամ անտարբեր չլինել կպչուն տերևիկների հանդեպ, քեզ հիշելով է միայն, որ սիրելու եմ դրանք։ Ինձ համար բավական է, որ դու կաս այստեղ որևէ մի անկյունում, և չեմ կորցնի դեռ ապրելու ցանկությունը։ Բավակա՞ն է դա քեզ համար։ Եթե ուզում ես, ընդունիր իբրև սիրո խոստովանություն թեկուզ։ Իսկ այժմ՝ դու դեպի աջ, ես դեպի ձախ, և բավական է այլևս, լսո՞ւմ ես, բավակա՛ն է։ Այսինքն, եթե նույնիսկ վաղը չմեկնեմ (կարծում եմ, որ կմեկնեմ անպայման) և մենք նորից հանդիպենք մի կերպ, այլևս ինձ հետ ոչ մի խոսք այս բոլոր նյութերի շուրջ։ Թախանձագին խնդրում եմ։ Եվ Դմիտրիի մասին էլ, հատուկ խնդրում եմ, երբեք այլևս խոսք չբացես իմ առաջ,― ավելացրեց նա հանկարծ ջղագրգիռ,— ամեն ինչ սպառվել է, ամեն ինչ ասվել պրծել է, այնպես չէ՞։ Ես էլ իմ կողմից մի խոստում եմ տալիս դրա դիմաց, երբ երեսունիս հասնեմ և ուզենամ «բաժակը գետին շպրտել», որտեղ էլ լինես դու՝ կգամ մի անգամ ևս խոսելու քեզ հետ... թեկուզ նույնիսկ Ամերիկայից՝ կգամ, վստահ եղիր։ Հատկապես կգամ։ Շատ հետաքրքրական կլինի մի հայացք նետել քո վրա այդ ժամանակ՝ տեսնենք դու էլ ինչպիսի՞ն ես լինելու։ Տեսնո՞ւմ ես, բավական հանդիսավոր խոստում է։ Եվ գուցե իսկապես յոթ կամ տասը տարով բաժանվում ենք իրարից։ Դե հիմա գնա քո Pater Seraphicus-ի (Հայր Սերովբեական ― հրեշտականման ― լատ.) մոտ, մահամերձ է նա։ Եթե քո բացակայության մեռնի, մեկ էլ դեռ կարող ես բարկանալ ինձ վրա, որ ուշացրի քեզ։ Ցտեսություն, նորից համբուրիր ինձ, ա՛յ այդպես, դե գնա՛...

Իվանը հանկարծ շուռ եկավ ու գնաց իր ճանապարհով, առանց այլևս ետ նայելու։ Այնպես, ինչպես երեկ Դմիտրին բաժանվեց Ալյոշայից, թեև երեկ բոլորովին այլ կերպ էր։ Այդ տարօրինակ նմանությունը հանկարծ փայլատակեց Ալյոշայի մտքում, որ այդ րոպեին լի էր տրտմությամբ ու վշտով։ Նա մի քիչ սպասեց, նայելով եղբոր ետևից։ Չգիտես ինչու, հանկարծ նկատեց, որ Իվանը քայլում է մի տեսակ օրորվելով, և որ նրա աջ ուսը, ետևից նայելիս, թվում է ավելի ցածր, քան ձախը։ Առաջ երբեք չէր նկատել այդ։ Բայց մեկեն ինքն էլ շուռ եկավ ու համարյա վազեց դեպի վանք։ Արդեն մութն ընկնում էր, և նա գրեթե վախեցավ. մի նոր բան էր աճում նրա հոգում, և չէր կարող տակավին հստակորեն որոշել, թե ինչ է դա։ Նորից քամի բարձրացավ, ինչպես երեկ, և դարավոր սոճիներն սկսեցին մռայլորեն խշխշալ նրա շուրջ, երբ մտավ մենաստանի պուրակը։ Համարյա վազում էր։ «Pater Seraphicus»... այս անունը վերցրել է մի տեղից՝ ո՞րտեղից,— անցավ հանկարծ Աոշայի մտքով։— Իվան, խե՜ղճ Իվան, մեկ էլ ե՞րբ կտեսնեմ քեզ նորից... Ահա՜ մենաստանը, աստվա՜ծ իմ։ Այո, այո, նա է, նա՝ Pater Seraphicus-ը, նա կփրկի ինձ... նրանից և առհավետ»։

Հետագայում նա մեծապես տարակուսելով հիշեց մի քանի անգամ իր կյանքում, թե ինչպե՞ս կարող էր, Իվանից բաժանվելուց հետո, հանկարծ այդպես բոլորովին մոռանալ Դմիտրին, երբ դեռ այդ առավոտ, ընդամենը մի քանի ժամ առաջ, վճռել էր անպայման գտնել նրան և չդադարեցնել որոնումները, եթե նույնիսկ ստիպված լիներ վանք չվերադառնալ այդ գիշեր։


VI։ Առայժմ դեռ շատ մթին մի բան

Իսկ Իվան Ֆյոդորովիչը, բաժանվելով Ալյոշայից, տուն գնաց՝ Ֆյոդոր Պավլովիչի տունը։ Բայց տարօրինակ բան, հանկարծ անտանելի տրտմություն իջավ նրա վրա. և մանավանդ, որքան ավելի էր մոտենում տանը, տրտմությունն ավելի ու ավելի էր սաստկանում ամեն մի քայլի հետ։ Տարօրինակ էր ոչ թե տրտմությունը, այլ այն, որ Իվան Ֆյոդորովիչը ոչ մի կերպ չէր կարողանում որոշել, թե ինչն է իր տրտմության պատճառը։ Առաջ էլ հաճախ տրտմության պահեր էր ունենում, և զարմանալի չէր, որ այդպիսի մի պահ էր եկել հիմա, երբ պատրաստվում էր միանգամից կապերը խզել բոլոր այն բաների հետ, որոնք իրեն քաշել-բերել էին այստեղ, և վաղն ևեթ մի կտրուկ շրջադարձ կատարել նորից ու ոտք դնել մի նոր, բոլորովին անծանոթ ճանապարհի վրա՝ կրկին մեն-մենակ, ինչպես առաջ, մեծ հույսեր ունենալով, բայց չիմանալով, թե ինչի վրա են հիմնվում դրանք, շատ, չափազանց շատ բան սպասելով կյանքից, բայց ինքն էլ չկարողանալով որևէ պարզորոշ գաղափար կազմել ո՛չ իր ակնկալությունների, ոչ էլ նույնիսկ իր ցանկությունների մասին։ Ու թեև այդ րոպեին նրա հոգում իսկապես կար նորի և անծանոթի տրտմությունը, բայց այնուամենայնիվ այդ չէր, որ տանջում էր նրան։ «Արդյոք հայրական տան նկատմամք զզվա՞նքն է,— մտածեց ինքնիրեն։— Կարծես թե այդ է, այո, այնքա՜ն եմ զզվել։ Ու թեև այսօր վերջին անգամն եմ ներս մտնելու այդ պիղծ շեմքից, բայց համենայն դեպս զզվելի է...» Բայց չէ, այդ էլ չէր։ Արդյոք Ալյոշայից բաժանվե՞լն էր և նրա հետ ունեցած խոսակցությո՞ւնը։ «Քանի տարի է բերանս փակել էի ամբողջ աշխարհի դեմ և արժանի չէի համարում խոսել, և հանկարծ ի՜նչ հիմարաբանություններ դուրս տվի»։ Իրոք, դա կարող էր երիտասարդական անփորձության ու երիտասարդական սնափառության վրդովմունքը լինել, երիտասարդական վրդովմունք այն բանից, որ չկարողացավ իր ասելիքն ասել, այն էլ Ալյոշայի նման մի էակի առաջ, որի նկատմամբ նրա սիրտը մեծ հույսեր էր տածում անտարակույս։ Անշուշտ, այդ էլ կար, այսինքն այդ վրդովմունքը, նույնիսկ պետք է լիներ անպայման, բայց այդ չէր պատճառը, ուրիշ բան էր, ուրիշ բան։ «Սիրտ խառնող տրտմություն է, բայց չեմ կարողանում որոշել, թե ինչ է ուզածս։ Գուցե ավելի լավ է չմտածել...»։

Իվան Ֆյոդորովիչը փորձեց «չմտածել», բայց դա էլ չօգնեց։ Այդ տրտմությունը նրան վրդովում ու ջղայնացնում էր մանավանդ այն պատճառով, որ մի տեսակ պատահական, բացարձակապես արտաքին բնույթի էր. զգաց այդ բանը։ Ինչ-որ մի արարած կամ մի առարկա ցցվել-կանգնել էր մի տեղ, ինչպես երբեմն մի որևէ բան շարունակ երևում է աչքիդ, և երկար ժամանակ, գործով կամ տաք խոսակցությամբ տարված, չես նկատում այդ բանը, այնինչ դա հայտնապես ջղայնացնում, գրեթե տանջում է քեզ, մինչև որ ի վերջո գլխի ես ընկնում և աչքիցդ հեռացնում անպետք առարկան, որ հաճախ շատ դատարկ ու ծիծաղելի մի մանրուք է՝ տեղը չդրված ու մոռացված մի իր, հատակին ընկած մի թաշկինակ, գրապահարանը չդրված մի գիրք և այլն, և այլն։ Վերջապես Իվան Ֆյոդորովիչը խիստ վատ ու գրգռված տրամադրությամբ հասավ հոր տունը և մոտավորապես տասնհինգ քայլ էր մնացել, երբ հանկարծ, նայելով այգու դարպասին, միանգամից հասկացավ, թե ինչն էր այդպես տանջում ու խռովում իրեն։

Դարպասի մոտ, նստարանի վրա նստած, երեկոյան զով օդին հովանում էր ծառա Սմերդյակովը, և Իվան Ֆյոդորովիչն առաջին իսկ հայացքից հասկացավ, որ իր հոգում էլ նստել էր ծառա Սմերդյակովը, և որ հենց այդ մարդուն չի կարողանում հանդուրժել իր հոգին։ Հանկարծ մի լույս ծագեց և ամեն ինչ պարզ դարձավ։ Դեռ մի ժամ առաջ, երբ Ալյոշան պատմում էր Սմերդյակովի հետ իր հանդիպման մասին, մռայլ ու գարշելի մի բան մխրճվել էր հանկարծ իր սիրտը և անմիջապես փոխադարձ զայրույթ էր առաջացրել։ Հետո, խոսակցության մեջ, Սմերդյակովը մոռացվել էր առժամապես, բայց այնուամենայնիվ մնացել էր իր հոգում, և հենց որ Իվան Ֆյոդորովիչը բաժանվել էր Ալյոշայից և տուն էր գնում առանձին, մոռացված զգացողությունն իսկույն ևեթ սկսել էր արագորեն մակերես բարձրանալ նորից։ «Բայց մի՞թե այս չնչին, անպիտան արարածը կարող է այս աստիճան խռովել ինձ»,— մտածեց նա անտանելի զայրույթով։

Խնդիրն այն է, որ իրոք, Իվան Ֆյոդորովիչը վերջերս, հատկապես վերջին մի քանի օրերի ընթացքում, ուժեղ հակակրանք էր զգում այդ մարդու հանդեպ։ Մինչև իսկ ինքն էր սկսել իր մեջ նկատել, որ օրըստօրե համարյա ատում է այդ արարածին։ Գուցե ատելությունն այդպիսի սուր ընթացք էր ստանում հենց այն պատճառով, որ սկզբում, երբ դեռ Իվան Ֆյոդորովիչը նոր էր եկել մեզ մոտ, բոլորովին այլ բան էր տեղի ունեցել։ Այն ժամանակ Իվան Ֆյոդորովիչը մի հատուկ հետաքրքրություն ցուցաբերեց հանկարծ Սմերդյակովի նկատմամբ, նույնիսկ գտավ, որ նա շատ ինքնատիպ մարդ է։ Ինքն առիթ տվեց, որ նա հաճախ խոսի իր հետ, բայց միշտ էլ զարմանում էր նրա մտքի որոշ խառնափնթորության կամ, ավելի ճիշտ, որոշ անհանգստության վրա և չէր հասկանում, թե ինչը կարող էր այդպես հարատևորեն ու կրնկակոխ անհանգստացնել «այդ հայեցողին»։ Փիլիսոփայական հարցերից էլ խոսեցին, նույնիսկ այն մասին, թե ինչո՞ւ առաջին օրը լույս կար աշխարհում, երբ արևը, լուսինը և աստղերը չորրորդ օրն են միայն ստեղծվել, և թե ինչպե՞ս պետք է հասկանալ այդ։ Բայց Իվան Ֆյոդորովիչը շուտով համոզվեց, որ արևը, լուսինն ու աստղերը չէին կարևորը, և որ արևը, լուսինն ու աստղերը թեև հետաքրքրական, բայց Սմերդյակովի համար բացարձակապես հետին կարգի խնդիր են. նրա ուզածը բոլորովին ուրիշ բան էր։ Այսպես թե այնպես, համենայն դեպս սկսեց ի հայտ գալ ու քողազերծվել նրա անսահման ինքնասիրությունը, ըստ որում վիրավորված ինքնասիրությունը։ Դա խիստ անախորժ թվաց Իվան Ֆյոդորովիչին։ Եվ դրանից էլ ծնունդ առավ նրա զզվանքը։ Հետագայում ընտանեկան խռովություններն սկսվեցին տանը, Գրուշենկան մեջտեղ եկավ, ծայր առան Դմիտրիի հետ կապված պատմությունները, գլխացավանքները շատացան, այդ մասին էլ խոսեցին, ու թեև Սմերդյակովը մեծ հուզմունքով էր արտահայտվում միշտ այդ հարցերի շուրջը, բայց դարձյալ ոչ մի կերպ հնարավոր չեղավ հասկանալ, թե նա անձնապես ի՛նչ ելք է ցանկանում այդ բոլորից։ Նույնիսկ զարմանալ կարելի էր, թե որքան անտրամաբանական ու խառնաշփոթ էին նրա որոշ ցանկությունները, որոնք ակամա ի հայտ էին գալիս և միշտ էլ նույն անորոշ ձևով էին արտահայտվում։ Սմերդյակովն անընդհատ հարցուփորձ էր անում, ինչ-որ կողմնակի, ակնհայտորեն մտացածին հարցեր էր տալիս, բայց թե ի՞նչ նպատակով՝ չէր բացատրում, և սովորաբար իր իսկ սկսած հարցուփորձի ամենատաք պահին հանկարծ լռում էր կամ անցնում բոլորովին ուրիշ մի նյութի։ Բայց գլխավոր բանը, որ վերջնականապես գրգռեց Իվան Ֆյոդորովիչին և այդպիսի զզվանքով լցրեց նրա սիրտը, այն մի տեսակ խորշելի և յուրահատուկ մտերմականությունն էր, որ Սմերդյակովն օրըստօրե ավելի ու ավելի շեշտված կերպով ցուցաբերում էր նրա նկատմամբ։ Ոչ թե հանդգնում էր անքաղաքավարի լինել, ընդհակառակը՝ միշտ էլ չափազանց հարգալից էր խոսում, բայց նրանց հարաբերություններն այնպիսի բնույթ ստացան, որ ի վերջո Սմերդյակովը, աստված գիտե ինչու, սկսեց ակնհայտորեն սեպել, թե ինքը ինչ-որ հարցում մի տեսակ համերաշխ է Իվան Ֆյոդորովիչի հետ. միշտ խոսում էր այնպիսի շեշտով, որ կարծես թե իրենց միջև արդեն փոխադարձ պայմանավորվածություն կա ինչ-որ խնդրի շուրջ, ինչ-որ մի գաղտնիք, ժամանակին երկու կողմից էլ ասված մի բան, որ միայն իրենց է հայտնի, իսկ իրենց շուրջը խլրտացող մահկանացուներին հասկանալի անգամ չէ։ Սակայն Իվան Ֆյոդորովիչը դրանից հետո էլ երկար ժամանակ չէր հասկանում իր հարաճուն զզվանքի բուն պատճառը, և միայն այս վերջին օրերին էր, որ կարողացավ ի վերջո կռահել, թե ինչն է խնդիրը։

Հիմա նա, պժգանքի զգացումով լցված ու ջղայնացած, ուզում էր լռեյայն անցնել ու մտնել դարպասից, առանց Սմերդյակովին նայելու, բայց Սմերդյակովը նստարանից վերկացավ, և միայն այդ շարժումից արդեն Իվան Ֆյոդորովիչը վայրկենապես հասկացավ, որ նա ցանկանում է հատուկ խոսակցություն ունենալ իր հետ։ Իվան Ֆյոդորովիչը նայեց նրան ու կանգ առավ, և հենց այն փաստը, որ այդպես կանգ առավ հանկարծ ու չանցավ-չգնաց, ինչպես դեռ մի րոպե առաջ ուզում էր անել, կատաղելու աստիճան զայրացրեց իրեն։ Ցասումով ու նողկանքով նայում էր նրա ներքինիական չոր, արյունազուրկ դեմքին, քունքերի վրա առաջ սանրված մազերին ու ճակատի վերև ցցված փոքրիկ մազափնջին։ Սմերդյակովի ձախ աչքը, մի թեթև կկոցված, թարթվում էր ու ժպտում, կարծես ասելով՝ «Ո՞ւր ես գնում, չես կարող անցնել։ Տեսնում ես, որ մենք երկուսս, խելացի մարդիկ, խոսելու բան ունենք»։ Իվան Ֆյողորովիչը ցնցվեց։

«Դե՜ն, անպետք արարած, ես ո՜վ, դո՛ւ ով, հիմա՛ր»,― քիչ մնաց թռցներ բերանից, սակայն մեծագույն զարմանքով զգաց, որ լեզվի ծայրից բոլորովին ուրիշ մի բան թռավ։

— Ի՞նչ է անում հայրիկը, քնա՞ծ է թե զարթնեց,— ասաց նա մեղմ ու համեստ շեշտով, իր համար էլ անսպասելիորեն, և հանկարծ, նույնպես բոլորովին անսպասելիորեն, նստեց նստարանին։ Համարյա թե սարսափ զգաց մի վայրկյան, հետագայում հիշեց այդ վայրկյանը։ Սմերդյակովը կանգնած էր իր դիմաց, ձեռքերը մեջքին, և նայում էր վստահորեն, համարյա խստադեմ։

— Քնած է տակավին,— արտասանեց նա անշտապ։ (Այսինքն թե՝ «Առաջինը ինքդ սկսեցիր խոսել, ոչ թե ես»։— Զարմանում եմ ձեր վրա, տեր իմ,— ավելացրեց նա մի փոքր լռելուց հետո, աչքերը մի տեսակ սեթևեթանքով խոնարհել էր, աջ ոտքն առաջ էր տարել և իր լաքած կոշիկի քիթն էր խաղացնում։

— Ինչո՞ւ ես զարմանում իմ վրա,— խիստ ու կտրուկ հարցրեց Իվան Ֆյոդորովիչը, մեծ ճիգով զսպելով իրեն, և հանկարծ զզվանքով հասկացավ, որ սաստիկ հետաքրքրություն է զգում և ոչ մի կերպ չի հեռանա այստեղից, մինչև չգոհացնի այն։

— Ինչո՞ւ Չերմաշնյա չեք գնում, տեր իմ,— հանկարծ աչքերը վեր առավ Սմերդյակովը և մտերմավարի ժպտաց։ «Իսկ թե ինչո՞ւ ժպտացի, ինքդ պետք է հասկանաս, եթե խելացի մարդ ես», ասում էր կարծես նրա կկոցված ձախ աչքը։

— Ինչո՞ւ պետք է Չերմաշնյա գնամ,— զարմացավ Իվան Ֆյոդորովիչը։

Սմերդյակովը նորից լուռ մնաց։

— Նույնիսկ ինքը՝ Ֆյոդոր Պավլովիչն այնքան աղաչում էր ձեզ, որ գնաք,— ասաց նա վերջապես, առանց շտապելու, և կարծես ինքն էլ նշանակություն չտալով իր պատասխանին, այսինքն թե՝ անկարևոր մի պատճառաբանությամբ օձիքս ազատում եմ, պարզապես մի բան ասած լինելու համար։

— է՜, գրո՛ղը տանի, պարզ ասա, ի՞նչ է ուզածդ,— գոռաց Իվան Ֆյոդորովիչն ի վերջո զայրացած, համեստ շեշտից անցնելով կոպտության։

Սմերդյակովն իր աջ ոտքը ետ տարավ ձախի մոտ, ավելի ուղիղ կանգնեց, բայց շարունակեց նայել նույն հանդարտությամբ և նույն թեթև ժպիտով։

― Ոչ մի էական բան... հենց այնպես, խոսքի բերումով...

Նորից լռություն տիրեց։ Համարյա մեկ րոպե չխոսեցին։ Իվան Ֆյոդորովիչը գիտեր, որ ինքը հիմա պետք է վեր կենար ու իր բարկությունը թափեր, իսկ Սմերդյակովը կանգնել էր նրա առաջ ու կարծես սպասում էր. «Ա՜յ, տեսնեմ հիմա կբարկանա՞ս, թե չէ»։ Այդպես էր թվում գոնե Իվան Ֆյոդորովիչին։ Վերջապես նա շարժվեց, որ վերկենա։ Սմերդյակովը ճիշտ որսաց վայրկյանը։

— Սոսկալի է իմ վիճակը, Իվան Ֆյոդորովիչ, նույնիսկ չգիտեմ, թե ինչ ճար գտնեմ,— ասաց նա հանկարծ հաստատ ու որոշակի և վերջին բառի վրա հառաչեց։ Իվան Ֆյոդորովիչն իսկույն նստեց նորից։

— Երկուսն էլ բացարձակապես ցնդել են, երկուսն էլ կամակոր երեխա են դարձել ուղղակի,— շարունակեց Սմերդյակովը։— Խոսքս ձեր ծնողի և ձեր եղբոր՝ Դմիտրի Ֆյոդորովիչի մասին է։ Ա՛յ հիմա կվերկենա, այսինքն Ֆյոդոր Պավլովիչը, և իսկույն կսկսի բկիս կպչել ամեն րոպե. «Ի՞նչ է, չեկա՞վ։ Ինչո՞ւ չեկավ»։ Եվ այդպես մինչև կեսգիշեր, նույնիսկ կեսգիշերից էլ հետո։ Իսկ եթե Ագրաֆենա Ալեքսանդրովնան չգա (որովհետև նա, հավանական է, բոլորովին էլ միտք չունի երբևիցե գալու), վաղը առավոտ նորից կհարձակվի վրաս. «Ինչո՞ւ չեկավ։ Ի՞նչ պատճառով չեկավ, ե՞րբ է գալու»։ Կարծես թե մի բանով էլ ես եմ մեղավոր դուրս գալիս նրա առաջ։ Մյուս կողմից էլ նույն փորձանքը, հենց որ մութն ընկնում է, և դրանից էլ առաջ, ձեր եղբայրը զենքը ձեռքին հայտնվում է մոտերքում. «Դե տե՛ս, ստահակի մեկը, ապո՛ւր եփող. եթե աչքիցդ փախցնես ու լուր չտաս ինձ, որ եկել է, ամենից առաջ քե՛զ կսպանեմ»։ Անցնում է գիշերը, առավոտյան նա էլ Ֆյոդոր Պավլովիչի նման սկսում է տանջելով տանջել ինձ. «Ինչո՞ւ չեկավ, ե՞րբ է երևալու, շուտո՞վ»։ Եվ կարծես թե նրա առաջ էլ դարձյալ մեղավոր եմ դուրս գալիս, որ իր օրիորդը չի երևացել։ Եվ երկուսն էլ ավելի ու ավելի են գազազում օրեցօր, ժամեժամ, այնպես որ երբեմն րոպեներ են լինում՝ մտածում եմ կյանքիս վերջ տամ, այնքան վախենում եմ։ Չեմ վստահում նրանց, տեր իմ։

— Իսկ ինչո՞ւ խառնվեցիր։ Ինչո՞ւ սկսեցիր լուրեր տանել Դմիտրի Ֆյոդորովիչին,— ասաց Իվան Ֆյոդորովիչը, ջղայնորեն։

— Իսկ ինչպե՞ս անեի, որ չխառնվեի։ Եվ ինքս բնավ էլ չէի խառնվում, եթե ուզում եք ամեն ինչ ճիշտ ու ճիշտ իմանալ։ Հենց սկզբից էլ լուռ էի մնում, չհամարձակվելով դեմ խոսել, բայց նա ինքը կարգադրեց ինձ, որ ես սուսուփուս ծառայեմ իրեն։ Այդ օրից էլ միշտ նույն խոսքն է նրա բերանում. «Կսպանե՛մ քեզ, ստահակի մեկը, եթե աչքիցդ բաց թողնես նրան»։ Հաստատ ենթադրում եմ, տեր իմ, որ վաղը երկար ժամանակով ընկնելու եմ։

— Ինչպե՞ս թե երկար ժամանակով ընկնելու ես։

— Ընկնավորության երկար մի նոպա այնպես, չափազանց երկար։ Մի քանի ժամ է տևում, կամ էլ գուցե մեկ օր, երկու օր։ Մի անգամ երեք օր տևեց, ձեղունից ընկա այն ժամանակ։ Ցնցումները դադարում էին, բայց հետո նորից սկսում, և ամբողջ երեք օր խելքս գլուխս չէր գալիս։ Հերցենշտուբեին՝ այստեղի բժշկին, կանչեց Ֆյոդոր Պավլովիչը այն ժամանակ, նա սառույց էր դնում գլխիս, մի ուրիշ միջոց էլ փորձեց... Կարող էի մեռնել։

— Բայց ասում են՝ հնարավոր չէ նախօրոք իմանալ, թե ընկնավորության նոպան այսինչ ժամին է լինելու։ Իսկ դու ինչպե՞ս ես ասում, որ վաղն է գալու քո նոպան,— հարցրեց Իվան Ֆյոդորովիչը մի յուրահատուկ, ջղային հետաքրքրությամբ։

― Ճիշտ է, որ չի կարելի նախօրոք իմանալ։

— Եվ բացի այդ՝ ձեղունից ես ընկել այդ ժամանակ։

— Ամեն օր ձեղուն եմ մագլցում, վաղն էլ կարող եմ ձեղունից ընկնել։ Եթե ձեղունից չեղավ, նկուղը կընկնեմ։ Ամեն օր նույնպես կարիք ունեմ նկուղ իջնելու։

Իվան Ֆյոդորովիչը երկար նայեց նրան։

— Հիմարություններ ես դուրս տալիս, տեսնում եմ. և ինչ-որ չեմ հասկանում քեզ,— ասաց նա մեղմ, բայց մի տեսակ սպառնալից։— Ի՞նչ է, երեք օրվա նոպա՞ ես ուզում կեղծել վաղը, հը՞։

Սմերդյակովը, որ գետին էր նայում և իր աջ ոտքի քիթն էր խաղացնում նորից, ետ տարավ աջ ոտքը, ձախն առաջ բերեց, գլուխը վեր առավ և ասաց քմծիծաղ տալով.

— Եթե նույնիսկ կարողանայի այդ տեսակ մի խաղ խաղալ, այսինքն նոպա կեղծել, և քանի որ դա բոլորովին էլ դժվար չէ փորձառու մարդու համար, այդ դեպքում էլ լիակատար իրավունք կունենայի այդ միջոցն օգտագործելու, որպեսզի կյանքս փրկեմ մահից։ Որովհետև՝ երբ ես հիվանդ պառկել եմ, թեկուզ և Ագրաֆենա Ալեքսանդրովնան գա նրա հոր մոտ, հո նա չի կարող հիվանդ մարդուց պահանջել՝ «Ինչո՞ւ լուր չտվիր»։ Ինքը կամաչի։

— է՜, գրողը տանի,— հանկարծ վրա տվեց Իվան Ֆյոդրովիչը զայրույթից այլայված դեմքով։— Ի՜նչ ես անընդհատ կյանքիցդ վախենում։ Դմիտրիի բոլոր այդ սպառնալիքները տաքգլուխ խոսքեր են, ուրիշ ոչինչ։ Չի սպանի քեզ. ասենք կսպանի, բայց ո՛չ թե քեզ։

— Ճանճի պես կսպանի, և ամենից առաջ ինձ։ Բայց դրանից էլ ավելի մի ուրիշ բանից եմ վախենում, որ ինձ նրա մեղսակիցը համարեն, երբ նա մի խենթ բան անի իր ծնողի գլխին։

— Ինչո՞ւ քեզ մեղսակից պետք է համարեն։

— Մեղսակից կհամարեն, որովհետև հենց այդ նշանները հայտնեցի նրան, մեծ գաղտնիք է։

— Ի՞նչ նշաններ։ Ո՞ւմ հայտնեցիր։ Գրո՜ղը տանի քեզ, պարզ խոսիր։

— Պետք է բացարձակապես խոստովանեմ,— երկար-բարակ սկսեց Սմերդյակովն անվրդով բծախնդրությամբ,— որ ես Ֆյոդոր Պավլովիչի հետ մի գաղտնիք ունեմ այս հարցում։ Ինչպես դուք ինքներդ գիտեք (միայն թե՝ եթե իսկապես գիտեք), արդեն մի քանի օր է, որ նա, հենց որ այսինքն գիշերն է իջնում կամ նույնիսկ երեկոն, իսկույն ներսից կողպում է դուռը։ Վերջերս դուք սկսեցիք ամեն իրիկուն կանուխ բարձրանալ վերև, ձեր սենյակը, իսկ երեկ բոլորովին դուրս չեկաք տնից, և դրա համար էլ գուցե չգիտեք, թե ինչպես նա հիմա սկսել է ամենայն խնամքով փակվել գիշերը տան մեջ։ Ու թեկուզ անձամբ Գրիգորի Վասիլևիչն էլ գա, մինչև ձայնից չճանաչի նրան, չի բանա դուռը։ Բայց Գրիգորի Վասիլևիչը չի գալիս, որովհետև հիմա ես եմ միայն սպասարկում տան ներսում. ինքը այդպես որոշեց հենց այն րոպեից, երբ այս Ագրաֆենա Ալեքսանդրովնայի պատմությունը հնարեց։ Հիմա ես էլ գիշերը, իր կարգադրությամբ, դուրս եմ գալիս և մնում եմ բակի շենքում, այն պայմանով, որ մինչև կեսգիշեր չքնեմ, այլ հսկեմ՝ վերկենամ ու շրջեմ բակում, սպասեմ, թե երբ է գալու Ագրաֆենա Ալեքսանդրովնան, որովհետև արդեն քանի օր է՝ սպասում է նրան խելագարի պես։ Եվ ահա թե ինչպես է պատճառաբանում, ասում է՝ Ագրաֆենա Ալեքսանդրովնան վախենում է նրանից, այսինքն Դմիտրի Ֆյոդորովիչից (Միտյա է կոչում նրան), դրա համար էլ ուշ գիշերին կգա ինձ մոտ, ետևի կողմից, իսկ դու, ասում է, աչքդ բաց պահիր մինչև կեսգիշեր և նույնիսկ ավելի։ Եվ եթե գա, վազիր շուտով ու թխկացրու իմ դռանը, կամ էլ այգու կողմից լուսամատին, ձեռքով թխկացրու այսպես՝ սկզբում երկու անգամ, հատ-հատ՝ մեկ-երկու, իսկ հետո իսկույն երեք անգամ, արագ֊սւրագ՝ թըք՜թըք՜թըք։ Եվ ես, ասում է, անմիջապես կհասկանամ, որ նա է եկել, և դուռը կամացուկ կբանամ քո առաջ։ Մի ուրիշ նշան էլ ասաց, սա էլ այն դեպքում, երբ արտակարգ մի բան պատահի, սկզբում երկու անգամ, արագ֊արագ՝ թըք-թըք, հետո մի քիչ դադար, և մի հատ էլ շատ ավելի ուժեղ։ Եվ նա կհասկանա, որ անակնկալ մի բան է պատահել, վռազ պետք է տեսնեմ իրեն, և նույնպես կբանա դուռը, ես էլ կմտնեմ ու կզեկուցեմ։ Սա այն դեպքում, երբ Ագրաֆենա Ալեքսանդրովնան կարող է ինքը չգալ, բայց մարդ ուղարկել՝ մի որևէ լուր հաղորդելու. դրանից բացի, Դմիտրի Ֆյոդորովիչը նույնպես կարող է գալ, ուրեմն այդ դեպքում էլ պետք է լուր տամ, որ նա տան մոտերքն է։ Սոսկալի վախենում է Դմիտրի Ֆյոդորովիչից, այնպես, որ եթե նույնիսկ Ագրաֆենա Ալեքսանդրովնան արդեն եկած լինի և նրանք փակված լինեն ներսում, իսկ Դմիտրի Ֆյոդորովիչն էլ այդ ժամանակ երևա մոտիկ մի տեղ, այդ դեպքում էլ անպայման պարտավոր եմ վռազ հայտնել, երեք անգամ թխկացնելով։ Այնպես որ առաջին նշանը, հինգ թխկոց, նշանակում է՝ «Ագրաֆենա Ալեքսանդրովնան եկել է», իսկ երկրորդ նշանը, երեք թխկոց, թե «վռազ մի բան կա»։ Այս բոլորն ինքը մի քանի անգամ ցույց տվեց իր ձեռքով և բացատրեց ինձ։ Եվ քանի որ ամբողջ տիեզերքում ես և ինքը միայն գիտենք այդ նշանների մասին, ուրեմն էլ առանց դես֊դեն կասկածելու կբանա դուռը և ձայն էլ չի տա ներսից (շատ է վախենում որևէ ձայն հանելուց)։ Ահա հենց այս նշաններն են, որ հիմա Դմիտրի Ֆյոդորովիչին էլ հայտնի դարձան։

— Ինչո՞ւ հայտնի դարձան։ Դո՞ւ հաղորդեցիր։ Ինչպե՞ս համարձակվեցիր հաղորդել։

— Հենց այդ վախից։ Եվ ինչպե՞ս համարձակվեի բերանս փակ պահել նրա առաջ։ Դմիտրի Ֆյոդորովիչն ամեն օր ինձ նեղում էր, «Դու խաբո՞ւմ ես ինձ, դու մի բա՞ն ես թաքցնում ինձնից, հա՞։ Երկու ոտքե՛րդ կկոտրեմ»։ Դե ես էլ այդ գազանի նշանները հայտնեցի նրան, որպեսզի գոնե տեսնի իմ ստրկական ծառայությունը և այդպիսով համոզվի, որ չեմ խաբում իրեն, այլ ամեն ձևով տեղեկություն եմ տալիս։

— Եթե ենթադրում ես, որ այդ նշաններից օգտվելով կջանա ներս մտնել, մի՛ թողնիր նրան։

— Բայց երբ ինքս հիվանդ պառկած լինեմ, ինչպե՞ս կկարողանամ ներս չթողնել այդ դեպքում, եթե նույնիսկ, իմանալով նրա այնքան կատաղի բնավորությունը, ասենք թե հանդգնեցի ներս չթողնել։

— է՜, գրո՛ղը տանի։ Ինչո՞ւ ես այդքան վստահ, որ նոպա ես ունենալու, գետի՛նը մտնես։ Ծիծաղո՞ւմ ես ինձ վրա, ինչ է։

— Ինչպե՞ս կարող էի հանդգնել ծիծաղել ձեր վրա, և մարդ սի՞րտ կունենա ծիծաղելու, երբ այսպիսի վախ է մտել փորը։ Զգում եմ, որ գալու է նոպան, այդպիսի նախազգացում ունեմ, հենց միայն վախից եմ ընկնելու։

— է՜, գրո՛ղը տանի։ Եթե դու հիվանդ պառկես, Գրիգորին կհսկի։ Նախօրոք զգուշացրու Գրիգորիին. վստահ եմ, որ նա չի թողնի։

— Առանց իմ տիրոջ հրամանի ոչ մի կերպ չեմ համարձակվի նշանների մասին հայտնել Գրիգորի Վասիլևիչին։ Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե Գրիգորի Վասիլևիչը կլսի նրա գալը և ներս չի թողնի, այն էլ ասեմ, որ նա հենց երեկվանից հիվանդացավ և պառկել է այսօր, Մարֆա Իգնատևնան էլ մտադրվում է վաղը բուժում անել։ Քիչ առաջ այդպես պայմանավորվեցին։ Իսկ նրանց այդ բուժումը մի շատ զարմանալի բան է։ Մի տեսակ ջրաթուրմ է պատրաստում Մարֆա Իգնատևնան և միշտ պահում է տանը, թունդ բան է, ինչ֊որ խոտից է պատրաստում, ինքը գիտե գաղտնիքը։ Եվ այդ գաղտնի դեղով տարին երեք անգամ բուժում է Գրիգորի Վասիլևիչին, երբ սրա գոտկատեղին փայտանում է լրիվ, ասես մի տեսակ կաթված է իջնում, տարին երեք անգամ։ Այդ ժամանակ Մարֆա Իգնատևնան վերցնում է սրբիչը և թրջում այդ ջրաթուրմով, կես ժամ շփում է նրա ամբողջ մեջքը, մինչև լրիվ չորանա, նույնիսկ մի լավ կարմրի և ուռչի. հետո շշի մեջ մնացածը տալիս է նրան խմելու՝ մի որոշ աղոթք կարդալով, բայց ամբողջը լրիվ չի տալիս, որովհետև մի փոքր մասն իրեն է թողնում այդ հազվադեպ առիթով և ինքն էլ է խմում։ Եվ երկուսն էլ ասեմ ձեզ, խմող մարդիկ չեն, դրա համար էլ իսկույն գլորվում ու շատ երկար ժամանակ պինդ քնում են։ Եվ երբ Գրիգորի Վասիչևիչը զարթնում է դրանից հետո, համարյա միշտ էլ առողջ է լինում, իսկ Մարֆա Իգնատևնան որ զարթնում է՝ միշտ էլ գլուխն է ցավում դրանից։ Ա՛յ ուրեմն, եթե վաղը Մարֆա Իգնատևնան իր այդ մտադրությունը կատարի, հազիվ թե նրանք մի բան լսեն ու ներս չթողնեն Դմիտրի Ֆյոդորովիչին։ Քնած կլինեն։

— Ա՛յս ինչ ցնդաբանություն է։ Կարծես դիտմամբ, այդ բոլորը հենց միանգամից զուգադիպում են, դու նոպա՜ ես ունենում, նրանք էլ երկուսը միասին ուշագնաց են լինում,— գոռաց Իվան Ֆյոդորովիչը։— Բայց գուցե ի՞նքդ ես ուզում այնպես դասավորել, որ զուգադիպեն դրանք,— պոռթկաց նա հանկարծ և սպառնալից կիտեց հոնքերը։

— Ինչպե՞ս կարող եմ դասավորել... և ինչո՞ւ դասավորեմ, երբ այստեղ ամեն ինչ կախված է հենց միայն Դմիտրի Ֆյոդրովիչից և միայն նրա մտադրություններից... Եթե ուզենա մի բան անել՝ կանի, իսկ եթե ոչ, հո ես դիտմամբ չեմ քաշի-բերի նրան, որ հրեմ֊գցեմ ծնողի վրա։

— Իսկ նա ինչո՞ւ պետք է հոր մոտ մտնի, այն էլ թաքուն, եթե Ագրաֆենա Ալեքսանդրովնան բոլորովին չի գալու, ինչպես ինքդ ես ասում,— շարունակեց Իվան Ֆյոդորովիչը, զայրույթից գունատվելով։— Այո, հենց ինքդ ես ասում այդ բանը, և ես էլ, այստեղ ապրելով, միշտ համոզված եմ եղել, որ դա բիձուկի ցնորքն է պարզապես, այդ արարածը չի գա նրա մոտ։ Իսկ ինչո՞ւ Դմիտրին պետք է հոր տունը ներխուժի, եթե չի գալու այդ արարածը։ Դե ասա՛։ Ուզում եմ քո մտքե՛րն իմանալ։

— Ինքներդ բարեհաճորեն գիտեք, թե ինչու է գալու Դմիտրի Ֆյոդորովիչը. այստեղ ի՞նչ գործ ունեն իմ մտքերը։ Կգա պարզապես ոխից դրդված, կամ էլ դիցուք իմ հիվանդանալու դեպքում կասկածամտությունը կբռնի, սիրտը կասկած կընկնի և անհամբերությունից ներս կվազի՝ սենյակներում փնտրելու, ինչպես երեկ եղավ, այսինքն թե կուզենա նայել արդյոք Ագրաֆենա Ալեքսանդրովնան մի կերպ ներս չի՞ անցել, իրենից թաքուն։ Կատարելապես լավ գիտե նաև, որ Ֆյոդոր Պավլովիչը մի մեծ ծրար է պատարստել, մեջը երեք հազար ռուբլի, երեք կնիքով կնքել է, մի բարակ ժապավենով կապել և իր ձեռքով գրել է վրան՝ «Իմ հրեշտակ Գրուշենկային, եթե ցանկանա գալ», իսկ երեք օր հետո էլ տակն ավելացրել է՝ «և ճուտիկին»։ Հենց այս բանն էլ ուրեմն կասկածի տեղիք է տալիս։

— Հիմարությո՛ւն,— գոռաց Իվան Ֆյոդորովիչը, գրեթե կատաղած։— Դմիտրին չի գնա փող թալանելու. և մեկ էլ հո՞րը սպանի դրա համար։ Կարող էր երեկ Գրուշենկայի համար սպանել նրան, զայրույթից կատաղել ու հիմարացել էր, բայց չի՛ գնա թալանելու։

— Հիմա նա շատ֊շատ կարիք ունի փողի, ծայր աստիճան կարիք ունի, Իվան Ֆյոդորովիչ։ Դուք նույնիսկ չգիտեք, թե որքան կարիք ունի,— բացատրեց Սմերդյակովը չափազանց հանգիստ և զարմանալիորեն որոշակի կերպով։— Բացի դրանից, հենց այդ երեք հազարը մի տեսակ իր սեփական փողն է համարում և ինքը ինձ այսպես պատճառաբանեց, «Հայրս,— ասաց,— դեռ ուղիղ երեք հազար ռուբլի պարտք է մնում ինձ»։ Իսկ այդ բոլորից բացի, ինքներդ դատեցեք, Իվան Ֆյոդորովիչ, մի որոշ բան էլ կա, որ զուտ ճշմարտություն է. ախր համարյա թե հաստատ բան է, պետք է ասել՝ Ագրաֆենա Ալեքսանդրովնան, եթե միայն ինքը անձամբ ուզենա, անպայման կստիպի նրան, որ ամուսնանա իր հետ, այսինքն հենց իմ տիրոջը կստիպի, Ֆյոդոր Պավլովիչին, միայն թե ուզենա... դե՜հ, գուցե և ուզենա իրոք։ Ես հենց այնպես ասում եմ, որ չի գա, բայց նա գուցե դրանից էլ ավելին է ցանկանում, այսինքն ուզում է ուղղակի տիրուհի դառնալ այս տան մեջ։ Ես ինքս գիտեմ՝ նրա այդ վաճառական Սամսոնովը բացեիբաց ասել է նրան, որ դա բնավ էլ հիմար բան չի լինի, և միաժամանակ ծիծաղել է։ Իսկ Ագրաֆենա Ալեքսանդրովնան ինքն էլ շատ խելքով կին է։ Դմիտրի Ֆյոդորովիչի պես տկլորի հետ ամուսնացողը չէ նա։ Ա՜յ ուրեմն հիմա հաշվի առնելով այս բանը, ինքներդ դատեցեք, Իվան Ֆյոդորովիչ, որ այդ դեպքում ոչ Դմիտրի Ֆյոդորովիչին, ոչ էլ նույնիսկ ձեզ ու ձեր եղբորը՝ Ալեքսեյ Ֆյոդորովիչին, բացարձակապես ոչինչ չի մնա ձեր ծնողի մահից հետո, ո՜չ մի ռուբլի, որովհետև Ագրաֆենա Ալեքսանդրովնան նրա հետ կամուսնանա հենց այն նպատակով, որ ամեն ինչ իր անունի վրա գրել տա և եղած֊չեղած ամբողջ դրամագլուխն իր վրա փոխանցի։ Իսկ եթե ձեր ծնողը հիմա մեռնի, երբ դեռ ոչ մի այդպիսի բան չի եղել, ապա ձեզնից ամեն մեկին մի քառասուն հազար ապահով կհասնի իսկույն, նույնիսկ Դմիտրի Ֆյոդորովիչին, որին նա այնպես ատում է, կհասնի, որովհետև չէ՞ որ նա դեռ կտակ չի գրել... Այս բոլորը քաջ հայտնի է Դմիտրի Ֆյոդորովիչին...

Մի տեսակ աղավաղվեց ու սարսռաց Իվանի դեմքը։ Նա կարմրեց հանկարծ։

— Ուրեմն ինչո՞ւ այդ բոլորից հետո,— ընդհատեց հանկարծ Սմերդյակովին,— դու ինձ խորհուրդ ես տալիս Չերմաշնյա գնալ։ Ի՞նչ էիր ուզում ասել դրանով։ Իմ գնալուց հետո ա՛յ թե ինչեր են պատահելու այս տանը,— Իվան Ֆյոդորովիչը դժվարությամբ էր շունչ քաշում։

— Միանգամայն ճիշտ է,— ասաց Սմերդյակովը մեղմ ու խոհեմ շեշտով, սակայն աչալուրջ հետևելով Իվան Ֆյոդորովիչին։

— Ինչպե՞ս թե միանգամայն ճիշտ է,— հարցրեց Իվան Ֆյոդորովիչը. նա ճիգ էր անում, որ զսպի իրեն, և աչքերն սպառնագին փայլատակում էին։

— Ձեզ ափսոսալուց է, որ ասացի։ Ձեր տեղը եթե ես ինքս լինեի, իսկույն ձեռք կքաշեի այս բոլորից... փոխանակ նստելու և այսպիսի գործի հետ գլուխ դնելու...— պատասխանեց Սմերդյակովը, ուղղակի բացահայտ մի արտահայտությամբ նայելով Իվան Ֆյոդորովիչի փայլատակող աչքերին։ Երկուսն էլ լռեցին։

— Ինձ թվում է, դու կատարյալ ապուշ ես և... անշուշտ... ահավոր մի սրիկա՛,— վերկացավ հանկարծ Իվան Ֆյոդորովիչը նստարանից։ Հետո անմիջապես ուզեց գնալ դարպասից ներս, բայց մեկեն կանգ առավ ու դարձավ Սմերդյակովին։ Տարօրինակ մի բան պատահեց. Իվան Ֆյոդորովիչը, ջղաձգվելով մի տեսակ, հանկարծ շրթունքը կծեց, բռունցքները սեղմեց ու... ևս մի վայրկյան, և անշուշտ պիտի նետվեր Սմերդյակովի վրա։ Համենայն դեպս Սմերդյակովը նույն ակնթարթին նկատեց այդ, սարսռաց և ամբողջ մարմնով ետ քաշվեց։ Բայց այդ վայրկյանը բարեհաջող անցավ Սմերդյակովի համար, և Իվան Ֆյոդորովիչը լռելյայն, թեև կարծես վարանելով մի տեսակ, շուռ եկավ դեպի դարպասը։

— Ես վաղը Մոսկվա եմ գնում, եթե ուզում ես իմանալ, վաղը՝ առավոտ կանուխ։ Վե՛րջ,— ասաց նա հանկարծ զայրույթով հստակ ու բարձրաձայն, և հետագայում ինքն էլ զարմացավ, թե այդ պահին ո՞ր կարիքն ստիպեց իրեն այդ բանն ասելու Սմերդյակովին։

— Ամենալավն էլ այդ է,— վրա բերեց իսկույն Սմերդյակովը, կարծես հենց սպասում էր դրան,— միայն թե այն կա, որ այստեղից հեռագրով կարող են անհանգստացնել ձեզ Մոսկվայում, եթե որևէ այդպիսի դեպք լինի։

Իվան Ֆյոդորովիչը նորից կանգ առավ և նորից արագորեն դարձավ Սմերդյակովին։ Բայց կարծես Սմերդյակովին էլ մի բան էր պատահել։ Ամբողջ նրա մտերմավարի և անփույթ վարվելակերպը մի վայրկյանում հօդս էր ցնդել. ծայրահեղ ուշադրության և սպասման արտահայտություն էր ստացել նրա դեմքը, բայց արդեն երկչոտ և ստորաքարշ մի արտահայտություն էր դա։ «Արդյոք դեռ մի ուրիշ բան էլ չունե՞ս ասելու, ավելացնելիք բան չունե՞ս»,— կարելի էր կարդալ նրա ուշադիր հայացքում, որն ուղղակի սևեռել էր Իվան Ֆյոդորովիչի վրա։

— Իսկ ինչ է, չե՞ն կարող ինձ Չերմաշնյայից էլ կանչել... որևէ այդպիսի դեպքում,—բղավեց հանկարծ Իվան Ֆյոդորովիչը, չգիտես ինչու ձայնը սոսկալի բարձրացնելով։

— Չերմաշնյայում էլ նույնպես... կանհանգստացնեն...— մրթմրթաց Սմերդյակովը համարյա շշուկով, կարծես կորցնելով իրեն, բայց շարունակելով սևեռուն, սևեռուն հայացքով նայել ուղղակի Իվան Ֆյոդորովիչի աչքերի մեջ։

— Միայն թե Մոսկվան հեռու է, Չերմաշնյան՝ ավելի մոտ. և ի՛նչ է, Չերմաշնյայի վրա պնդելով՝ ավելորդ ճանապարհածա՞խսն ես ափսոսում, թե ինձ ես ափսոսում, որ այդքան երկար ճամփով եմ դառնալու։

— Միանգամայն ճիշտ է...— մրթմրթաց Սմերդյակովն արդեն կերկերուն ձայնով, նողկալի մի ժպիտ կար երեսին, և նորից ջղաձգորեն պատրաստվել էր ճիշտ ժամանակին ետ ցատկելու։ Բայց Իվան Ֆյոդորովիչը, ի զարմանս Սմերդյակովի, հանկարծ ծիծաղել սկսեց և արագորեն գնաց դարպասից ներս, շարունակելով ծիծաղել։ Ով որ այդ րոպեին նայեր նրա դեմքին, անշուշտ կհասկանար, որ բնավ էլ ուրախությունը չէր այդ ծիծաղի պատճառը։ Եվ ինքն էլ ոչ մի կերպ չէր կարողանա բացատրել, թե ինչ էր պատահել իրեն այդ րոպեին։ Կարծես ջղային կծկումներով էր շարժվում ու գնում առաջ։


VII։ «Խելոք մարդու հետ քար կրի, խենթի հետ հաց մի՛ ուտի»

Եվ նույն ձևով էլ խոսեց։ Հենց որ ներս մտավ, Ֆյոդոր Պավլովիչին հանդիպեց հյուրասրահում և հանկարծ գոռաց նրան, թևերը թափահարելով՝ «Ես վերև եմ գնում, իմ սենյակը, ձեզ մոտ չեմ գալիս, ցտեսություն», և անցավ գնաց, ջանալով նույնիսկ չնայել իր հորը։ Շատ հավանական է, որ այդ րոպեին ծերուկը չափազանց ատելի թվաց նրան, բայց թշնամական զգացման այդպիսի մերկապարանոց ցուցաբերումն անսպասելի էը նույնիսկ Ֆյոդոր Պավլովիչի համար։ Իսկ երևում էր, որ ծերուկը, հիրավի, ուզում էր մի բան ասել իսկույն, և դրա համար էլ դիտմամբ ելել էր հանդիպելու նրան հյուրասրահում։ Բայց այդպիսի սիրալիր մի ողջույն լսելով, հայրը լուռ կանգնեց և հեգնական արտահայտությամբ նայեց որդու ետևից, մինչև նա սանդուղքով բարձրացավ վերնատուն։

— Ի՞նչ է եղել նրան,— արագորեն հարցրեց նա Սմերդյակովին, որ ներս էր մտել Իվան Ֆյոդորովիչի ետևից։

— Բարկանում է ինչ֊որ բանի վրա, մարդ չի հասկանում նրան,— քրթմնջաց Սմերդյակովը խուսափելով։

— Է՛հ, գրողի ծո՛ցը։ Թո՛ղ ինչքան ուզում է բարկանա։ Բե՛ր ինքնաեռը, և դու էլ շուտով դուրս կորիր, դե շո՛ւտ արա։ Նորություն չկա՞։

Եվ ծայր առավ հարցերի շարանը։ Դա մեկն էր հենց այն հարցուփորձերից, որոնց մասին Սմերդյակովը դեռ նոր գանգատվում էր Իվան Ֆյոդորովիչին, այսինքն միշտ նույն հարցերը՝ ակնկալվող այցելուհու վերաբերյալ, և մենք զանց կառնենք այստեղ դրանք։ Կես ժամից տունն արդեն փակված էր, և խելագար ծերուկը մեն֊մենակ շրջում էր սենյակներում, սարսռագին սպասելով, որ ա՛յ, հիմա կլսվեն հինգ պայմանական թխկոցները. մերթ նայում էր մութ պատուհաններին, բայց միայն գիշերվա խավարն էր տեսնում այնտեղ։

Շատ ուշ էր արդեն, բայց Իվան Ֆյոդորովիչը չէր քնել տակավին և խորհրդածում էր։ Այդ գիշեր նա ուշ պառկեց՝ ժամը երկուսին։ Բայց մենք չենք նկարագրի հիմա նրա մտքերի ամբողջ ընթացքը, և դեռ ժամանակն էլ չէ, որ նայենք այդ հոգու խորքերը. նրա հերթն էլ կգա։ Եվ եթե նույնիսկ փորձեինք նկարագրել, շատ դժվար կլիներ այդ, որովհետև մտքեր չէին դրանք, այլ շատ անորոշ, մանավանդ չափազանց փոթորկահույզ մի բան։ Ինքն էլ զգում էր, որ կորցրել է իր բոլոր ուղղություններրը։ Նրան տանջում էին նաև այլազան ցանկություններ, որոնք տարօրինակ էին և հայտնվում էին գրեթե բոլորովին անակնկալորեն. օրինակ, կեսգիշերն անցել էր արդեն, երբ հանկարծ անդիմադրելիորեն ուզեց վար իջնել անպայման, դուռը բանալ գնալ բակի շենքը և ծեծել Սմերդյակովին, բայց եթե հարցնեիք՝ ինչո՞ւ, ինքն էլ ոչ մի կերպ չէր կարողանա որևէ որոշակի պատճառ բերել, բացի թերևս այն շարժառիթից, թե իր համար ատելի էր դարձել այդ ծառան՝ որպես աշխարհիս երեսին միակ մարդը, որն ամենածանր վիրավորանքն էր հասցրել իրեն։ Մյուս կողմից, այդ գիշեր մի քանի անգամ նրա հոգին լցվեց անբացատրելի և ստորացուցիչ մի երկյուղով, որ նույնիսկ (նա զգում էր այդ) հանկարծ մարմնապես թուլացնում էր իրեն մի տեսակ։ Գլուխը ցավում էր ու պտտվում։ Ատելութլան պես մի բան կրծում էր սիրտը, կարծես պատրաստվում էր վրեժ լուծել ինչ֊որ մեկից։ Ատում էր նույնիսկ Ալյոշային, հիշելով քիչ առաջվա խոսակցությունը նրա հետ, լինում էին րոպեներ, երբ սաստիկ ատում էր նաև ինքնիրեն։ Կատերինա Իվանովնայի մասին համարյա թե մոռացավ իսկ մտածել և հետագայում շատ էր զարմանում դրա համար, մանավանդ որ հաստատ հիշում էր, թե ինչպես այդ առավոտ, երբ Կատերինա Իվանովնայի առաջ մեծ թափով հոխորտում էր, որ վաղն ևեթ Մոսկվա է մեկնելու, նույն վայրկյանին հոգու խորքում փսփսացել էր ինքնիրեն. «Բայց հիմարություն է ասածդ, չես գնա, և քեզ համար այնքան էլ հեշտ չի լինի պոկվելն ու հեռանալը, ինչպես մեծ-մեծ պոռոտախոսում ես հիմա»։

Երկար ժամանակ հետո վերհիշելով այդ գիշերը, Իվան Ֆյոդորովիչը հատուկ նողկանքով էր մտաբերում, թե ինչպես հանկարծ վերկացավ բազմոցից և կամացուկ, ասես սոսկալի վախենալով, որ կտեսնեն իրեն, բացեց դուռը, ելավ սանդուղքի վրա և ականջ դրեց դեպի ներքև, թե ինչպես է Ֆյոդոր Պավլովիչը շարժվում ու շրջում ներքևի սենյակներում, լսեց երկար ժամանակ՝ մոտ հինգ րոպե, տարօրինակ մի հետաքրքրությամբ, շունչը պահած, սրտատրոփ, բայց թե ինչո՞ւ էր անում այդ բոլորը, ինչո՞ւ էր ականջ դնում՝ ինքն էլ չգիտեր անշուշտ։ Հետագայում իր ամբողջ կյանքի ընթացքում «նողկալի» էր կոչում նա այդ «արարքը» և իր հոգու ամենախոր, ամենաթաքուն ծալքերում ընդունում էր, որ իր ամբողջ կյանքի ամենաստոր արարքն էր դա։ Իսկ հենց Ֆյոդոր Պավլովիչի նկատմամբ ոչ մի ատելություն չէր զգում այդ րոպեներին, այլ պարզապես, չգիտես ինչու, ամբողջ էությամբ հետաքրքրվում էր, թե ինչպես է քայլում նա ներքևում, մոտավորապես ինչ է անում հիմա այնտեղ, ենթադրում էր ու պատկերացնում, թե ինչպես նա դուրս պետք է նայի պատուհաններից, հետո հանկարծ կանգ առնի սենյակի մեջտեղում և սպասի, սպասի՝ չի՞ թխկացնելու արդյոք որևէ մեկը։ Իվան Ֆյոդորովիչը երկու անգամ դուրս ելավ ու կանգնեց սանդուղքի վրա, այդպես ականջ դնելու համար։ Երբ ամեն ինչ խաղաղվեց ու Ֆյոդոր Պավլովիչն էլ պառկեց արդեն, մոտավորապես ժամը երկուսին, Իվան Ֆյոդորովիչը նույնպես անկողին մտավ իսկույն քնելու հաստատ մտադրությամբ, քանի որ սոսկալի տանջահար էր զգում իրեն։ Եվ իրոք, անմիջապես խոր քուն մտավ և քնեց առանց երազների, բայց կանուխ զարթնեց, ժամը յոթին, երբ արդեն լույսը բացվել էր։ Աչքերը բանալով, հանկարծ արտակարգ մի կորով զգաց իր մեջ և ինքն էլ զարմացավ դրա համար. իսկույն վեր թռավ ու արագորեն հագնվեց, ապա դուրս քաշեց ճամպրուկը և անհապաղ, հապճեպորեն սկսեց իրերը տեղավորել։ Լվացարարուհին հենց երեկ առավոտ լրիվ վերադարձրել էր սպիտակեղենը։ Իվան Ֆյոդորովիչը նույնիսկ ժպտաց, այնպես էր դասավորվել ամեն ինչ, որ ոչ մի բան չէր կասեցնում իր անակնկալ մեկնումը։ Իսկ իր մեկնումն իսկապես որ անակնկալ էր լինում։ Թեև Իվան Ֆյոդորովիչը երեկ ասել էր (Կատերինա Իվանովնային, Ալյոշային և հետո էլ Սմերդյակովին), թե մեկնելու է առավոտյան, բայց հիմա շատ լավ հիշում էր, որ գիշերը, երբ պառկում էր քնելու, չէր էլ մտածում մեկնելու մասին, գոնե այդ րոպեին մտքովն էլ չէր անցնում, թե առավոտյան, զարթնելուն պես, առաջին գործը պետք է լինի իրերը տեղավորել ճամպրուկի մեջ։ Վերջապես պատրաստ էին ճամպրուկը և ուղեպարկը, ժամը իննի մոտ էր արդեն, երբ Մարֆա Իգնատևնան բարձրացավ նրա սենյակը՝ իր ամենօրյա սովորական հարցը տալու. «Որտե՞ղ եք բարեհաճում թեյ խմել, ձեր սենյակո՞ւմ, թե իջնելու եք ներքև»։ Իվան Ֆյոդորովիչը իջավ հյուրասրահ, գրեթե զվարթ էր երևում, թեև նրա խոսքերի ու շարժուձևերի մեջ ցաքուցրիվ ու աճապարող մի բան կար։ Սիրալիր ողջունելով հորը և նույնիսկ հատկապես հարցնելով նրա առողջության մասին, բայց և մինչև վերջ չլսելով պատասխանը, նա մեկեն հայտարարեց, որ մի ժամից մեկնում է Մոսկվա, վերջնականապես, և խնդրում է մարդ ուղարկել՝ ձիերը բերելու։ Ծերունին առանց դույզն զարմանքի լսեց այդ լուրը, խիստ անպատշաճորեն մոռանալով իր վիշտը հայտնել որդու մեկնման առիթով։ Դրա փոխարեն հանկարծ արտակարգ եռուզեռի մեջ ընկավ, հենց տեղն ու տեղը հիշելով իր սեփական կարևոր մեկ գործը։

— Ա՜յ թե ինչ մարդ ես, հա՜։ Չասացիր երեկ... Դե լա՛վ, վնաս չունի, հիմա էլ կկարգադրենք։ Բարի եղիր, մի մեծ շնորհ արա ինձ, հոգուդ մատաղ, ճանապարհին Չերմաշնյա հանդիպիր։ Հենց պարզապես ձախ ես թեքվելու Վոլովյա կայանից, եղած-չեզածը մի տասներկու վերստ է, և ա՜յ, հասար Չերմաշնյա։

— Ի սե՜ր աստծո, չեմ կարող։ Մինչև երկաթուղին ութսուն վերստ է, իսկ Մոսկվայի գնացքը երեկոյան ժամը յոթին մեկնում է կայարանից։ Հազիվհազ ժամանակ կունենամ հասնելու։

— Վաղը կհասնես, կամ էլ մյուս օրը, իսկ այսօր թեքվիր Չերմաշնյա։ Ի՞նչ կկորցնես, եթե հանգստացնես հորդ սիրտը։ Եթե այստեղ գործ չունենայի, ինքս վաղուց թռել֊գնացել էի, որովհետև շտապ բան է այնտեղի գործը, արտակարգ բան, իսկ հիմա ինձ համար այնպիսի մի ժամանակ է այստեղ, որ... հասկանո՞ւմ ես, մի պուրակ ունեմ այնտեղ երկու ազատ հողամասի վրա, Բեգիչևում և Դյաչկինում։ Վաճառական Մասլովները, բիձուկն ու իր տղան, ընդամենը ութ հազար են տալիս, որ պուրակը կտրեն ու փայտն առնեն, իսկ դեռ անցյալ տարի մի ուրիշ գնորդ կպել էր, տասներկու հազար էր տալիս, բայց այստեղացի չէ, ա՜յ թե ինչն է խնդիրը։ Որովհետև այստեղ գնող չես գտնի հիմա։ Մասլովները, հայր ու որդի, հարյուր հազարը դիզել ու տեր ու տիրական են դարձել, ինչ տալիս են, այն էլ պետք է վերցնես, թե չէ՝ այստեղացիներից ոչ ոք չի էլ համարձակվում չափվել նրանց հետ։ Իսկ անցյալ հինգշաբթի հանկարծ Իլյինսկոյեի տերտերն ինձ նամակ է գրում, թե Գորստկինն է եկել, սա էլ վաճառական է, ճանաչում եմ, և սրա պատվական կողմն այն է, որ այստեղացի չէ, պրոգրեբովցի է, ուրեմն չի վախենում Մասլովներից, որովհետև այստեղացի չէ մարդը։ Ասում է՝ տասնմեկ հազար կտամ պուրակի համար։ Լսո՞ւմ ես։ Բայց դե ընդամենը մի շաբաթ է մնալու այստեղ, այդպես է գրում տերտերը։ Ա՜յ ուրեմն, գնայիր ու մի լեզու գտնեիր հետը...

— է՛հ, գրեցեք տերտերին։ Նա էլ լեզու կգտնի։

— Չի կարող նա, բան եմ ասում քեզ։ Այդ տերտերն առուտուրի աչք չունի։ Ոսկի մարդ է, կարող եմ այս րոպեիս քսան հազար ռուբլի պահ տալ մոտը առանց ստացագրի, բայց աչքը ոչինչ չի տեսնում գործի մեջ, ասես մարդու ծնունդ չլինի անտերը, ագռավն էլ նրան կխաբի։ Եվ պատկերացրու, որ գիտուն էլ մարդ է։ Այդ Գորստկին ասածս գյուղացու տեսք ունի, կապույտ բաճկոնակ է հագնում, միայն թե կատարյալ սրիկա է իր բնավորությամբ, և հենց դրանով էլ ցավ է դարձել բոլորին գլխին, ստախոս է, ա՛յս է խնդիրը։ Մեկ֊մեկ այնպիսի՜ մի սուտ է փչում, որ պարզապես զարմանում ես, թե ինչին էր պետք այդ սուտը։ Նախանցյալ տարի մի սուտ փչեց, թե կինը մահացել է և ինքն արդեն ուրիշի հետ է ամուսնացել, և պատկերացրու, ոչ մի այդպիսի բան չէր եղել. երբեք էլ չի մահացել իր կինը, հիմա էլ դեռ ապրում է և երեք օրը մեկ ծեծում է ամուսնուն։ Ա՜յ ուրեմն պետք է իմանալ հիմա՝ փչո՞ւմ է թե ճիշտ է ասում, որ ուզում է գնել պուրակը և տասնմեկ հազար տալ։

— Էհ ուրեմն իմ ձեռքից էլ ոչինչ չի գա այս գործում, ես էլ աչք չունեմ։

— Կա՛ց, սպասի՛ր, քո ձեռքից կգա, որովհետև հիմա քեզ կասեմ, թե ինչ նշաններից կարելի է հասկանալ նրան՝ այդ Գորստկինին, ես արդեն վաղուց եմ նրա հետ գործ ունեցել։ Գիտե՞ս ինչ, նրա մորուքին պետք է նայես. կարմիր, բարալիկ, զզվելի մի մորուք ունի։ Եթե մորուքը դողում է և ինքն էլ խոսում ու բարկանում, ուրեմն չվախենաս՝ ճիշտ է ասածը, ուզում է գործ անել։ Իսկ եթե մորուքն է շոյում ձախ ձեռքով և քթի տակին էլ ծիծաղում է, ուրեմն ուզում է խաբել, սրիկայություն է անում։ Աչքերին երբեք մի՛ նայիր, աչքերից ոչինչ չես հասկանա, մութ մարդ է, խաբեբա. դու մորուքի՛ն նայիր։ Քեզ մի երկտող կտամ, ցույց տուր իրեն։ Գորստկին են ասում նրան, բայց Գորստկին չէ անունը, Լյագավի (որսկան շուն) է, միայն թե դու նրան Լյագավի մի՛ ասա, կնեղանա։ Եթե լեզու գտնես հետը և տեսնես, որ ամեն ինչ կարգին է, իսկույն տեղեկացրու այստեղ։ Հենց ա՛յդ միայն գրիր, այսինքն՝ «Չի փչում»։ Տասնմեկ հազարի վրա մնա. կարող ես մի հազար զիջել, ավելի չզիջես։ Պատկերացրու, ութ և տասնմեկ՝ երեք հազարի տարբերություն։ Ուղղակի գտած փող է այդ երեք հազարը, գնորդ ճարելը հե՞շտ բան է։ Իսկ ես սոսկալի պետք ունեմ փողի։ Իմաց կտաս, որ լուրջ է խնդիրը, և այդ դեպքում ինքս այստեղից կվազեմ ու կվերջացնեմ գործը։ Ժամանակ կգտնեմ մի կերպ։ Իսկ հիմա ինչո՞ւ թռնեմ֊գնամ այնտեղ, եթե այդ ամբողջը տերտերի հնարած բանն է։ Դե ասա, գնո՞ւմ ես թե չէ։

— Է՜, ժամանակ չկա, հանգիստ թողեք ինձ։

— Է՜խ, շնորհ արա հորդ, պարտքի տակ չեմ մնա։ Անսիրտ մարդիկ եք բոլորդ էլ, ա՜յ թե ինչ։ Մեկ կամ երկու օրը ի՞նչ է քեզ համար։ Ո՞ւր ես գնում հիմա, Վենետի՞կ։ Երկու օրում հո չի քանդվելու քո Վենետիկը։ Ալյոշկային կարող էի ուղարկել, բայց Ալյոշկայից ի՞նչ օգուտ այդպիսի գործերում։ Ախր քեզ եմ ուղարկում հենց այն պատճառով, որ խելացի մարդ ես. ինչ է, չե՞մ տեսնում։ Փայտի առուտուր չես անում, բայց աչք ունես։ Այստեղ պարզապես պետք է տեսնել՝ մարդը լո՞ւրջ է խոսում թե չէ։ Ասում եմ քեզ մորուքին նայիր. դողո՞ւմ է մորուքը, ուրեմն լուրջ է։

— Ուրեմն ինքնե՞րդ եք ինձ դրդում, որ այդ անիծյալ Չերմաշնյան գնամ, հը՞,— գոչեց Իվան Ֆյոդորովիչը, չարախինդ ժպտալով։

Ֆյոդոր Պավլովիչը չնկատեց չարախնդությունը և կամ չնկատելու տվեց, բայց ժպիտը չփախավ նրա աչքից։

— Ուրեմն գնո՞ւմ ես, գնո՞ւմ ես։ Հենց հիմա կխզբզեմ երկտողը, կտամ ձեռքդ։

— Չգիտեմ, կգնա՞մ թե չէ, չգիտեմ, ճանապարհին կորոշեմ։

— Ի՜նչ ճանապարհին, հի՛մա որոշիր։ Որոշի՜ր, հոգյա՛կս։ Եթե լեզու գտնես հետը, մի երկու տող գրիր ինձ, տերտերին տուր, նա մի րոպեում կուղարկի ինձ քո թղթիկը։ Իսկ էլ դրանից հետո թևիցդ չեմ բռնում, գնա՜ Վենետիկ։ Տերտերն իր ձիերով քեզ կտանի Վոլովյա կայանը...

Ծերունին հրճվում էր պարզապես. խզմզեց երկտողը, մարդ ուղարկեց ձիերը բերելու, մի թեթև նախաճաշ ու կոնյակ մատուցեցին։ Երբ ուրախ էր լինում ծերունին, միշտ էլ սկսում էր սիրտը զեղել, բայց այս անգամ իրեն զսպում էր կարծես թե։ Դմիտրի ֆյոդորովիչի մասին, օրինակ, ոչ մի բառ չասաց։ Իսկ այս բաժանումը բոլորովին չէր հուզում նրան։ Ասես նույնիսկ խոսելու բան չէր գտնում։ Եվ Իվան Ֆյոդորովիչը շատ լավ նկատեց այդ. «Ձանձրացրել եմ նրան այնուամենայնիվ»,— մտածեց ինքնիրեն։ Միայն արտասանդուղքի վրա, երբ արդեն ճանապարհ էր դնում որդուն, ծերունին կարծես սկսեց մի քիչ իրար անցնել, ուզեց համբուրել նրան։ Բայց Իվան Ֆյողորովիչն շտապ ձեռքը մեկնեց հրաժեշտի համար, հայտնապես խուսափելով համբույրներից։ Ծերունին իսկույն հասկացավ ու վայրկենապես ետ քաշվեց։

— Դե՛հ, աստված քեզ հետ, աստված քեզ հետ,— կրկնում էր նա սանդուղքի վրայից։— Կյանքումդ հարկավ Ժամանակ կգտնես նորից գալու, չէ՞։ Եկ, ե՛կ անպայման, միշտ էլ ուրախ կլինեմ։ Դե՜հ, Քրիստո՜ս քեզ հետ։

Իվան Ֆյոդորովիչը մտավ ուղեկառք։

— Գնաս բարո՜վ, Իվան, շատ էլ վատ աչքով մի՛ նայիր,— գոռաց վերջին անգամ հայրը։

Բոլոր տնեցիները դուրս էին եկել ճանապարհ դնելու՝ Սմերդյակովը, Մարֆան, Գրիգորին։ Իվան Ֆյոդորովիչն ամեն մեկին տասը ռուբլի նվիրեց։ Երբ արդեն տեղավորվել էր ուղեկառքի մեջ, Սմերդյակովը վեր ցատկեց գորգը շտկելու։

— Տեսնում ես... Չերմաշնյա եմ գնում...— ասաց հանկարծ Իվան Ֆյոդորովիչն ակամա, նորից, երեկվա պես, այդ խոսքն ինքն իրեն դուրս թռավ նրա բերնից, այն էլ մի տեսակ ջղային ծիծաղով։ Հետագայում նա երկար ժամանակ հիշեց այդ բանը։

— Ուրեմն ճիշտ են ասում՝ խելոք մարդու հետ քար կրի, խենթի հետ հաց մի՛ ուտի,— հաստատ պատասխանեց Սմերդյակովը, խորաթափանց նայելով Իվան Ֆյոդորովիչին։

Կառքը շարժվեց ու սլացավ։ Շփոթ էր տիրում ուղևորի հոգում, բայց նա ագահորեն նայում էր շուրջը՝ դաշտերին, բլուրներին, ծառերին, պայծառ երկնքում բարձրից թռչող սագերի երամին։ Եվ հանկարծ այնքա՜ն լավ զգաց իրեն։ Փորձեց խոսակցություն բանալ կառապանի հետ, և գյուղացու տված պատասխանի մեջ մի բան սաստիկ հետաքրքրեց նրան, բայց մի րոպե հետո անդրադարձավ, որ ամեն ինչ մի ականջից մտել, մյուսից դուրս էր եկել, և որ, ճիշտն ասած, ինքը չէր էլ հասկացել այն, ինչ պատասխանել էր գյուղացին։ Լռեց. այդպես էլ լավ էր՝ օդը մաքուր, թարմ, սառնավուն, երկինքը պայծառ։ Մտքում մի վայրկյան պատկերացան Ալյոշան և Կատերինա Իվանովնան, բայց նա մեղմ ժպտաց ու մեղմ փչեց սիրելի ուրվականների վրա, և թռան-գնացին նրանք։ «Դեռ կգա նրանց ժամանակը»,— մտածեց։ Շուտով հասան առաջին կայանը, ձիերը փոխեցին և սուրացին դեպի Վոլովյա։ «Ինչո՞ւ խելոք մարդու հետ քար կրի, ի՞նչ էր ուզում ասել դրանով,— մտածեց նա հանկարծ և ուղղակի շունչը կտրվեց։— Իսկ ես ինչո՞ւ նրան ասացի, որ Չերմաշնյա եմ գնում»։ Հասան Վոլովյա կայանը։ Իվան Ֆյոդորովիչն ուղեկառքից դուրս եկավ, և ձիապանները շրջապատեցին նրան։ Սակարկում էին՝ տասներկու վերստ կողմնակի ճանապարհով Չերմաշնյա տանելու համար։ Պատվիրեց լծել ձիերը։ Կայանի շենքը մտավ, մի զննող հայացք նետեց շուրջը, նայեց վերակացուի կնոջը և հանկարծ դուրս եկավ նորից։

— Կարիք չկա Չերմաշնյա գնալու։ Չե՞մ ուշանա ժամը յոթի գնացքին, տղերք։

— Հենց իսկ և իսկ կհասցնենք։ Լծե՞նք կառքը, հա՞:

— Շտապ լծեք։ Ձեզնից մեկն ու մեկը քաղաք չի՞ գնալու վաղը։

— Դե իհարկե, ա՛յ Միտրին է գնալու։

― Չե՞ս կարող մի ծառայություն մատուցել, Միտրի։ Հանդիպիր հորս՝ Ֆյոդոր Պավլովիչ Կարամազովին, և ասա նրան, որ Չերեմաշնյա չեմ գնացել։ Կարո՞ղ ես թե չէ։

— Ինչի՞ չեմ կարող, կհանդիպենք։ Ֆյոդոր Պավլովիչին շատ վաղուց ենք ճանաչում։

— Ահա այս էլ քեզ թեյի փող, որովհետև վայ թե նա ոչինչ չտա քեզ...— ուրախ ծիծաղեց Իվան Ֆյոդորովիչը։

— Հաստատ չի տա,— ծիծաղեց նաև Միտրին։— Շնորհակալ եմ, տեր իմ, անպայման կանենք...

Երեկոյան ժամը յոթին Իվան Ֆյոդորովիչը վագոն մտավ ու սլացավ դեպի Մոսկվա։ «հեռո՛ւ ինձնից ամբողջ անցյալը, խաչ եմ քաշել նախկին աշխարհի վրա, ընդմի՜շտ, և այլևս ո՛չ լուր եմ ուզում այնտեղից, ոչ արձագանք։ Դեպի նո՜ր աշխարհ, նո՜ր վայրեր, առանց ետև նայելու»։ Բայց ցնծության փոխարեն հանկարծ այնպիսի մի խավար իջավ նրա հոգու վրա, և սիրտն այնպիսի մի թախիծով սկսեց մղկտալ, որ մինչ այդ երբեք նման բան չէր զգացել իր կյանքում։ Ամբողջ գիշեր մտմտաց. սուրում էր գնացքը, և միայն լուսաբացին, երբ արդեն Մոսկվա էր հասնում, կարծես հանկարծ սթափվեց նա։

— Սրիկա՛ եմ ես,— շշնջաց ինքնիրեն։

Իսկ Ֆյոդոր Պավլովիչը, ճանապարհ դնելով իր որդուն, շատ գոհ մնաց։ Ամբողջ երկու ժամ գրեթե երջանիկ էր զգում իրեն ու կոնյակ էր խմում շարունակ։ Բայց հանկարծ տան մեջ պատահեց մի շատ տխուր բան, որ չափազանց անախորժ էր բոլորի համար և Ֆյոդոր Պավլովիչին էլ մեձագույն շփոթության մատնեց անմիջապես։ Սմերդյակովն ինչ-որ գործով նկուղ գնաց և սանդուղքի առաջին աստիճանից ընկավ ներքև։ Լավ է որ այդ րոպեին Մարֆա Իգնատևնան պատահաբար գտնվում էր բակում և ճիշտ ժամանակին լսեց։ Չտեսավ ընկնելը, բայց ճիչը լսեց, այն յուրահատուկ, տարօրինակ ճիչը, որ վաղուց ծանոթ էր իրեն, ընկնավորի այն ճիչը, որով նա ընկնում է նոպան բռնելու պահին։ Հնարավոր չէր որոշել, թե արդյոք նոպան բռնել էր ա՞յն պահին, երբ նա իջնում էր սանդուղքով, ուստի և, բնական է, պետք է իսկույն ցած գլորվեր անզգա վիճակում, թե՞ ընդհակառակը՝ անկումն ու ցնցումն էին եղել նոպայի պատճառը, քանի որ հայտնի էր արդեն, որ Սմերդյակովը տառապում է այդ հիվանդությամբ։ Համենայն դեպս, նրան գտան նկուղի հատակին, թպրտում էր ջղակծկումներից գալարված, բերանը փրփրել էր։ Սկզբում մտածեցին, թե անպայման կոտրված կլինի մի տեղը՝ ձեռքը կամ ոտքը, և վնասվածքներ կունենա, բայց «աստված պահել էր», ինչպես արտահայտվեց Մարֆա Իգնատևնան, ոչ մի այդպիսի բան չէր եղել, միայն թե դժվար էր նրան վերցնելն ու նկուղից լույս աշխարհ հանելը։ Բայց հարևաններից օգնություն խնդրեցին ու գործը գլուխ բերեցին մի կերպ։ Ֆյոդոր Պավլովիչը ինքն էլ ներկա էր ամբողջ այդ արարողությանը, ինքն էլ օգնում էր՝ հայտնապես վախեցած ու կարծես գլուխը կորցրած։ Սակայն հիվանդն ուշքի չէր գալիս. ցնցումները որոշ ժամանակ դադարում էին, բայց հետո նորից էին սկսվում, և բոլորն էլ եկան այն եզրակացության, թե կատարվելու է ճիշտ այն, ինչ եղել էր անցյալ տարի, երբ նա նույնպես պատահաբար ընկել էր ձեղունից։ Հիշեցին, որ այն ժամանակ սառույց էին դրել գլխին։ Նկուղում դեռ սառույց կար, և Մարֆա Իգնատևնան գործի անցավ, իսկ Ֆյոդոր Պավլովիչը երեկոյան դեմ մարդ ուղարկեց բժիշկ Հերցենշտուբեին, որն անմիջապես ժամանեց։ Հիվանդին ուշի֊ուշով քննելուց հետո (ամբողջ նահանգում ամենից ավելի ճշտաջան և ուշադիր բժիշկն էր՝ խիստ պատվարժան մի ծերունի), նա եզրակացրեց, որ արտաքո կարգի մի նոպա է և «կարող է վտանգ սպառնալ», իսկ առայժմ ինքը, Հերցենշտուբեն, ամեն ինչ չի հասկանում տակավին, բայց որ վաղն առավոտյան, եթե չօգնեն այժմու բուժամիջոցները, կվճռի այլ բուժումների դիմել։ Հիվանդին պառկեցրին բակի շենքի մի սենյակում, որ կից էր Գրիգորիի և Մարֆա Իգնատևնայի սենյակին։ Հետո Ֆյոդոր Պավլովիչն իրար ետևից դժբախտություններ միայն կրեց այդ օրը. ճաշը Մարֆա Իգնատևնան պատրաստեց, և Սմերդյակովի եփածի հետ համեմատած՝ ապուրը «կարծես լվացքի ջուր» լիներ, իսկ հավն այնքան էր չորացել տապակվելով, որ ծամելն անգամ ոչ մի կերպ հնարավոր չէր։ Մարֆա Իգնատենան իր տիրոջ դառն, թեև արդարացի կշտամբանքներին առարկեց, որ հավն առանց այդ էլ շատ ծեր էր արդեն, և որ ինքն էլ խոհարարություն չի սովորել։ Երեկոյան մի ուրիշ մտահոգություն էլ ավելացավ. Ֆյոդոր Պավլովիչին հայտնեցին, թե Գրիգորին, որն արդեն երկու օր է անառողջ էր, հիմա բոլորովին անկողին է ընկել գոտկատեղը փայտացել է։ Ֆյոդոր Պավլովիչը հնարավորին չափ շուտ վերջացրեց իր ընթրիքը և առանձին փակվեց տանը։ Ահավոր ու տագնապալից սպասման մեջ էր նա։ Հենց այդ իրիկուն գրեթե հաստատապես սպասում էր Գրուշենկայի գալուն. համենայն դեպս Սմերդյակովը, դեռ վաղ առավոտյան, գրեթե հավաստիացրել էր, որ «նա արդեն անտարակուսելիորեն խոստացել է գալ»։ Անուղղա ծերունու սիրտը տագնապահար բաբախում էր. դատարկ սենյակներում շրջում էր նա և ուշադիր լսում։ Ականջը սրած պետք է պահեր, մի որևէ տեղ Դմիտրին կարող էր թաքնված լինել ու հետևել Գրուշենկային, ուստի հենց որ Գրուշենկան լուսամուտը ծեծեր (Սմերդյակովը դեռ երկու օր առաջ վստահացրել էր Ֆյոդոր Պավլովիչին, որ հայտնել է նրան, թե որտեղ և ինչ ձևով թխկացնի), պետք էր հնարավորին չափ շուտ բանալ դուռը և ոչ մի վայրկյան իզուր չսպասեցնել նրան գավիթում, որպեսզի, աստված չանի, մի որևէ բանից վախենալով չփախչի հանկարծ։ Մտահոգվելու շատ բան կար, բայց Ֆյոդոր Պավլովիչի սիրտը դեռ երբեք այդքան քաղցր հույսերով չէր ողողվել. չէ՞ որ համարյա վստահորեն կարելի էր ասել, թե այս անգամ արդեն անպատճառ կգա Գրուշենկան...