Հնդկացիների ավանը

Գրապահարան-ից
Հնդկացիների ավանը

հեղինակ՝ Էռնեստ Հեմինգուեյ
թարգմանիչ՝ Նինա Ա․ Ջաղինյան (բնագրից)
աղբյուր՝ «Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր»

Լճի մոտ ուրիշ մի նավակ էր կանգնած։ Կողքին երկու հնդկացիներ կանգնել֊սպասում էին։

Նիքն ու հայրը նավախել բարձրացան, հնդկացիները նավակը ափից հրեցին֊հեռացրին, իսկ նրանցից մեկը թռավ մեջը՝ թիավարելու։ Քեռի Ջորջը տեղավորվեց մյուս նավակի նավախելին։ Ջահել հնդկացին հրեց նավակն ու մտավ մեջը՝ քեռի Ջորջին տանելու։

Երկու նավակն էլ առաջ մղվեցին խավարի մեջ։ Մեգի մեջ զգալի հեռավորությունից Նիքի ականջին էր հասնում մյուս նավակի թիակալների ձայնը։ Հնդկացիները առաջ էին շարժվում կարճ ու հատուկ թիահարվածներով։ Նիքը հենվել էր հորը, որ գրկել էր նրա ուսերը։ Ջրից սառնություն էր փչում։ Նրանց տանող հնդկացին քրտնամխած թիավարում էր, սակայն մյուս նավակը մեգի մեջ անընդհատ առջեւից էր ընթանում։

— Էս ո՞ւր ենք գնում, պա՛,— հարցրեց Նիքը։

— Ա՜յ, հրեն էն հնդկացիների ավանը։ Էնտեղ մի կին ծանր հիվանդ է։

— Ա՜հ,— ասաց Նիքը։

Երբ նրանք տեղ հասան, մյուս նավակն արդեն ափին էր։ Քեռի Ջորջը մթան մեջ սիգար էր ծխում։ Ջահել հնդկացին նավակը քաշեց— ափ հանեց։ Քեռի Ջորջը այդ երկու հնդկացուն էլ սիգար տվեց։

Ափից նրանք ոտքով բարձրացան ցողաթաթախ մարգագետնով հետեւելով ջահել հնդկացուն, որ լամպ ուներ ձեռքին։ Հետո նրանք անտառ մտան ու բռնեցին շաղվի միջով ձգվող գերանակապ ճամփան, որ փախչում էր ետ՝ դեպ բլուրներ։ Գերանակապ ճամփին բավական լույս էր, քանի որ ծառերը հատված էին։ Ջահել հնդկացին կանգ առավ, փչեց֊հանգցրեց լամպը երկու կողմից էլ, ու բոլորը շարունակեցին բարձրանալ ճամփով։

Նրանք հասան մի ոլորանի, ու մի շուն հաչելով ընդառաջ վազեց։ Առջեւում քինաքինա կեղեւահանող հնդկացիների կացարանների լույսերն էին առկայծում։ Այժմ արդեն ավելի շատ շներ վրա պրծան նրանց։ Երկու հնդկացիները դրանց խրճիթների կողմը քշեցին։ Ճամփին առավել մոտ հյուղակի պատուհանին լույս էր վառվում։ Շեմին մի ծեր կին էր կանգնած՝ ձեռքին լամպ։

Ներսում՝ փայտե մահճին, ջահել մի կին էր պառկած։ Երկու օր էր արդեն, ինչ նա երկունքի ցավերի մեջ էր։ Ավանի բոլոր տարեց կանայք շուրջն էին հավաքվել։ Տղամարդիկ գնացել նստել էին ճամփագլխին ու մութի մեջ ծխում էին՝ հեռու կնոջ աղաղակներից։ Վերջինս ճչաց հենց այն պահին, երբ Նիքն ու երկու հնդկացիները, հետեւելով հորն ու քեռի Ջորջին, մտան խրճիթ։ Կինը պառկած էր ներքեւի մահճին՝ մգդակած վերմակի տակ, ամբողջովին ուռած փորով։ Գլուխը մի կողմի վրա էր թեքված։ Վերեւի մահճին ամուսինն էր պառկած։ Նա երեք օր առաջ կացնով ուժեղ վնասել էր ոտքը։ Այժմ ծխամորճ էր ծխում։ Սենյակից ահավոր գարշահոտ էր փչում։

Նիքի հայրը պատվիրեց ջուր դնել վառարանին, ու մինչ այն կտաքանար, սկսեց խոսել Նիքի հետ։

— Էս կինը, Նի՛ք, երեխա է ունենալու,— ասաց նա։

— Գիտեմ,— ասաց Նիքը։

— Ո՛չ մի բան էլ չգիտես,— ասաց հայրը։— Լսի՛ր, թե ինչ են քեզ ասում։ Էն, ինչ որ նրա հետ է կատարվում հիմի, երկունքի կծկումներ են կոչվում։ Երեխան ուզում է ծնվել, ու մայրն էլ է էդ ուզում։ Նրա բոլոր մկանները նրա համար են պրկված, որ օգնի պստիկին ծնվելու։ Ա՛յ թե ինչ է լինում, երբ նա գոռում է։

— Պա՛րզ է,— ասաց Նիքը։

Հենց այդ պահին կինը կրկին ճչաց։

— Ա՜հ, պա, նրան չե՞ս կարող որեւէ բան տալ, որ էլ չճչա,— հարցրեց Նիքը։

— Չէ՛։ Մոտս ոչ մի ցավազրկող չկա,— ասաց հայրը։— Բայց նրա ճիչերը նշանակություն չունեն։ Ես դրանք չեմ լսում, քանի որ դրանք կարեւոր չեն։

Կնոջ ամուսինը՝ վերի մահճին պառկած, շուռ եկավ դեպի պատը։

Խոհանոցում գտնվող կինը նշան արեց բժշկին՝ ջուրը տաքացել է։ Նիքի հայրը գնաց խոհանոց ու մի մեծ թեյնիկի ջրի մոտ կեսը լցրեց կոնքի մեջ։ Թեյնիկի մնացած ջրի մեջ ինչ֊որ գործիքներ գցեց, որոնք բերել էր հետը՝ թաշկինակի մեջ փաթաթած։

— Սրանք պիտի եռացնել,— ասաց նա ու սկսեց ձեռքերը լվանալ տաք ջրով լի կոնքի մեջ՝ ավանից բերած օճառի կտորով։ Նիքը կանգնած նայում էր, թե ինչպես է հայրը օճառով տրորում մեկ մի, մեկ մյուս ձեռքը։ Մինչ խիստ զգույշ ու մանրակրկիտ լվանում էր ձեռքերը, նա սկսեց խոսել Նիքի հետ․

— Գիտե՞ս, Նիք, ենթադրվում է, որ ծնվելիս երեխայի նախ գլուխն է դուրս գալիս, բայց պատահում է, որ էդպես չի լինում։ Երբ էդպես չի՝ բոլորն էլ գլխացավանքի մեջ են ընկնում։ Երեւի ստիպված լինեմ էս կնոջը վիրահատել։ Հիմի կտեսնենք։

Երբ նա համոզվեց, որ ձեռքերը մաքուր են, ներս մտավ ու գործի անցավ։

— Էդ վերմակը ետ քաշիր, հա՞, Ջորջ,— ասաց նա։— Ավելի լավ է չկպչեմ դրան։

Ավելի ուշ, երբ նա սկսեց վիրահատել, քեռի ջորջն ու երեք ընդկացիները պինդ պահում էին կնոջը։ Վերջինս կծեց քեռի Ջորջի թեւն, ու քեռի Ջորջն ասաց՝ «գրողի տարած շան քա՛ծ», իսկ այն ջահել հնդկացին, որ նավակով բերել էր քեռի Ջորջին, ծիծաղեց։ Նիքը կոնքը բռնած պահել էր հոր համար։ Այդ ամենը բավական ժամանակ խլեց։

Նիքի հայրը վեր բարձրացրեց նորածնին, թեթեւ շպպացրեց, որ շունչը տեղը գա, ու հանձնեց տարեց կնոջը։

— Տե՛ս, տղա է, Նիք,— ասաց նա։— Հը՛, դո՞ւրդ է գալիս բժշկի օգնական լինելը։

Նիքն ասաց․— Ոչի՛նչ։— Նա հայացքն ուրիշ կողմ էր հառել, որ չտեսնի, թե հայրն ինչ է անում։

— Էսպե՛ս։ Հիմի արդեն՝ վե՛րջ,— ասաց հայրն ու ինչ֊որ բան գցեց կոնքի մեջ։

Նիքը չնայեց դրան։

— Ա՛չ հիմի,— ասաց հայրը,— մի քանի կար պիտի դնեմ։ Կարող ես նայել կամ չնայել, ո՛նց կուզես։ Կտրածս կարելու եմ։

Նիքը չէր նայում։ Նրա հետաքրքրությունը վաղուց մարել էր արդեն։

Հայրը ավարտեց գործն ու ոտքի ելավ։ Քեռի Ջորջն ու այն երեք հնդկացիները՝ եւս։ Նիքը կոնքը խոհանոց տարավ։

Քեռի Ջորջը նայեց իր թեւին։ Ջահել հնդկացին ժպտաց՝ հուշերով տարված։

— Հիմի դրան մի քիչ պերօքսիդ կքսեմ,— Ջո՛րջ,— ասաց բժիշկը։

Նա հակվեց ծննդկանի վրա։ Այժմ արդեն սա լուռ էր, աչքերը փակ։ Խիստ գունատ էր։ Ո՛չ երեխայից, ո՛չ էլ շուրջը կատարվող որեւէ այլ բանից տեղյակ չէր։

— Առավոտյան ետ կգամ,— ասաց բժիշկը՝ ոտքի ելնելով։— Սուրբ Իգնասից քույրն էստեղ կլինի մինչեւ կեսօր ու ինչ որ հարկավոր լինի, հետը կբերի։

Նա մի տեսակ խանդավառ էր ու տրամադիր խոսելու, ինչպես ֆուտբոլիստները հանդերձարանում՝ խաղից հետո։

— Էս բժշկական ամսագրում տպելու բան է, Ջո՛րջ,— ասաց նա։— Կեսարյան հատո՜ւմ անել ծալովի դանակով ու կարել կարթաթելով…

Քեռի Ջորջը կանգնած հենվել էր պատին՝ թեւը զննելով։

— Բա ո՜նց, դե դու մե՜ծ մարդ ես,— ասաց նա։

— Էդ հպարտ հո՜րը մի նայեք։ Սովորաբար դրանք ամենաշատն են տառապում էսպիսի չնչին գործերում,— ասաց բժիշկը։— Պիտի ասեմ, որ նա էս ամենը շատ էլ հանգիստ տարավ։

Նա ետ քաշեց վերմակը հնդկացու գլխի վրայից։ Երբ ձեռքը ետ քաշեց, այն ինչ֊որ թացացել էր։ Նա բարձրացավ ներքեւի մահճի ծայրին՝ լամպը ձեռքին, ու վեր նայեց։ Հնդկացին պառկած էր՝ դեմքը դեպի պատն արած։ Կոկորդը ծայրից ծայր կտրված էր։ Արյունը հոսել֊լճակ էր կազմել այնտեղ, ուր մարմնի ծանրությունից փոս էր գոյացել։ Գլուխը հակված էր ձախ ձեռքին։ Բաց սայրը ընկած էր վերմակին՝ ծայրը վեր։

— Նիքին դո՛ւրս տար, Ջո՛րջ,— ասաց բժիշկը։

Դրա կարիքը չկար։ Նիքը, խոհանոցի շեմին կանգնած, շատ լավ էր տեսնում վերի մահիճը, երբ լամպը մի ձեռքով բռնած՝ հայրը զգույշ ետ թեքեց հնդկացու գլուխը։

Լույսը հենց նոր էր սկսում բացվել, երբ նրանք ոտքով ետ էին դառնում անտառահատ ճամփով դեպի լիճը։

— Ինձ երբեք չե՛մ ների, որ քեզ հետս բերի,— Նի՛ք,— ասաց հայրը, ետվիրահատական նրա ողջ խանդավառությունը այլեւս անհետացել էր։— Համա՜ թե պատմության մեջ գցեցի քեզ։

— Ինչ է, կանաք մի՞շտ են երեխա բերելիս էդպիսի բաների մեջ ընկնում։

— Չէ՛, էդ շատ֊շատ բացառիկ բան էր։

— Էդ ինչի՞ նա իրեն սպանեց, պա՛։

— Չգիտե՛մ, Նի՛ք։ Երեւի չկարողացավ, էլի՛, դրան դիմանալ։

— Հաճա՞խ են տղամարդիկ իրենց սպանում, պա՛։

— Չէ՛, էդքան էլ չէ, Նիք։

— Բա կանա՞յք։

— Ավելի՛ քիչ։

— Ոչ մի անգա՞մ։

— Դե՛, հա՛։ Պատահում է։

— Պա՞։

— Հա՛։

— Քեռի Ջորջն ո՞ւր գնաց։

— Ուր որ է կգա։

— Մեռնելը դժվա՞ր բան է, պա՛։

— Չէ՜, կարծում եմ՝ լա՛վ էլ հեշտ է, Նիք։ Դե՛, նայա՛ծ, էլի։

Նրանք նավակի մեջ էին հիմա․ Նիքը՝ նավախելին, հայրը՝ թիավարելիս։ Արեւը բլուրների վրայով սահում էր վեր։ մի պերկես դուրս պրծավ՝ կոհակելով ջուրը։ Նիքը ձեռքը կախ գցեց ջրի մեջ։ Վաղորդյան գովի մեջ ջուրն ասես ջերմություն էր արձակում։

Վաղ առավոտյան լճի վրա, թիավարող հոր կողքին՝ նավախելին բազմած՝ տղան խորապես համոզված էր, որ ինքը երբե՛ք ու երբե՛ք չի հեռանա կյանքից։