«Մահապուրծ օրագիր»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(1926 թվական)
Տող 1840. Տող 1840.
  
⁕ Օ՜ֆ, այս վարի անցքեն ինչ ցուրտ կփչե, ըսես սառնարան ըլլա։
 
⁕ Օ՜ֆ, այս վարի անցքեն ինչ ցուրտ կփչե, ըսես սառնարան ըլլա։
 +
 +
 +
==1928 թվական==
 +
 +
<b>Երեքշաբթի 4.</b> ― Դռնապաները Աբովյան փողոցի մայթերը մաքրեցին սառույցեն, բացի Կեդրոնական կոմիտեի շենքեն, որը կոմկուսակցության տունն է։ Այս տան առջևեն անցնող մը կարի զգույշ փոխելու է ոտքը՝ կուսակցության շարքերը չսահելու համար։
 +
 +
․․․ Հետաքրքիր է՝ ամառները ի՞նչ միջոցի կդիմե կուսակցությունը՝ իր մեջ նոր անդամներ սայթաքեցնելու համար։
 +
 +
Եթե բոլոր կուսակցությանց ծրագրերը հավասարապես ճիշտ ըլլային, հետաքրքիր է ճշմարտությունը քանի՞ մասի հարկադրված պիտի ըլլար բաժանվելու։
 +
 +
<b>Չորեքշաբթի 5.</b> ― Մեր գրասենյակեն մեջ կծառայե գեղեցիկ Հեղինեն, որուն տեսնելուն պես սիրեցի։ Բայց սերս խորամանկ քարտուղարին աչքեն ծածկելու համար այնքան սիրալիր եղա դեպի տիկին Թամարը, որ հիմա Հեղինեն թողած՝ Թամարը կսիրեմ։
 +
 +
Խայտառակություն։
 +
 +
Այս սխալն ուղղելու համար պիտի ատեմ երկուսին ալ, նոր վերջեն Հեղինեին առանձին սիրեմ։
 +
 +
Ըսել կուզեմ՝ վերանայեմ պիտի սերս։
 +
 +
Այսօր պաշտոնատուն մը, երբ կուզե պաշտոնեն արձակել անկուսակցական մը, ուղղակի չի ըսեր գնա՝ այլ «վերանայման» կենթարկե անոր պաշտոնը ու «ազատելով»՝ կոմունիստ մը կդնե տեղը։
 +
 +
⁕ Լուսբաժնին մեջ խոշոր վեճ կար այսօր։
 +
 +
Ինչո՞ւ։ Վասնզի դամարլեցի Եղիազարին տարվա կեսին արձակեր էին դպրոցեն։ Ինչո՞ւ։ Վասնզի Եղիազարին հայրը «ձայնազուրկ» է այլևս՝ իր հարստությանը պատճառով։
 +
 +
Իսկ Եղիազարին հոր հարստանալը պատահական էր․ սխալվելով քիչ մը լավ մշակեց այգին ու լավ բերք ստանալով, իր կամքեն անկախ հարստացավ։
 +
 +
․․․ Զգո՜ւյշ, զգո՜ւյշ, չհարստանաք ի սեր աստծո, ձեզի լավ պահեցեք։
 +
 +
⁕ Յոթը խորհրդային տարվա մեջ, այսօր առաջին անգամ հավասարության ակտի մը ականատես եղա։ Բժիշկն ինձի ալ, կոմունիստի մըն ալ հավասարապես վեց պիլյուլ խինին տվավ։
 +
 +
<b>Ուրբաթ 7.</b> ― Քաղաքային վարչությունը փակեց քաղաքիս միակ պետքարանը։ Ճիշտ գործ։ Ի՞նչ պետք է ժողովրդյան պետքարան։
 +
 +
Պետքարանը պետք է անոնց միայն, որք կուտեն․․․
 +
 +
⁕ Տուն գալով ծունկերուս վրա նստեցուցի երկու երեխաներուս, նայեցա իրենց քաղցր երեսներուն ու բացականչեցի․
 +
 +
― Աշխարհիս ամենաերջանիկ մարդը։
 +
 +
― Կամաց պոռա, ― ըսավ կինս պատուհանը վրա բերելով։ ― Հարկահանը լսելով՝ պիտի գա «երջանկությանդ» վրա «նալոգ» դնելու։
 +
 +
Իրավունք ունի։ Ասկե վերջ գաղտնի «երջանիկ» պիտի ըլլամ։
 +
 +
<b>Շաբաթ 8.</b> ― Մինչև այժմ զիրար բզկտող պրոլետ գրողները, մեկդի նետելով զենքերը, իրարու կթափփվեն՝ «միացյալ ֆրոնտով» ստեղծագործելու համար։ Ալազանը Չարենցին կփաթթվե, Չարենցը՝ Վշտունիին, Վշտունին մարդ մը կփտրե, որ ինքը փաթթվի, ու այսպես սեր և անհիշաչարություն։
 +
 +
Պատրաստվեք տեսնել «միացման» արդյունքները։
 +
 +
Հաստատ գիտեմ, որ մեկ կաթիլ անձրևը պարզ ու անհամ ջուր է, իսկ թե այդ կաթիլներեն երկուսի միացումը օշարակի կփոխե անձրևը՝ չեմ գիտեր։
 +
 +
<b>Կիրակի 9.</b> ― Ռուս հայտնի բոլշևիկներեն Զինովևն ու Կամենևը, որք երկու տարի առաջ կուսակցության պաշտոններու համար իրենց զենքերը ուղղեր էին հերձվածող Տրոցկու դեմ, և որք, այս տարի միանալով Տրոցկու հերձվածին զենքերնին կառավարության դեմն էին ուղղեր, այսօր նորեն կառավարության կողմն անցան ու կմերժեն Տրոցկին։
 +
 +
Եթե սկզբունքները մարդ ըլլային ու ոտքով այսքան գնային ու գային՝ շաբաթը մեկ զույգ կոշիկ մաշեին պիտի։
 +
 +
<b>Երկուշաբթի 10.</b> ― Եղիա Չուբար։ Կոմունիստ շեյխ մը՝ մեկ լդրանոց փաթթոցով։ Սալավաթ։
 +
 +
Այսօրվա առաջնորդ հոդվածին մեջ անկուսակցական ինտելեգենցիային մանկապարտեզի մանուկներու տեղ կդնե՝ իր մանուկ խելքով։ Որպեսզի արտասահմանյան հակախորհրդային կառավարությունները առիթ չունենան շահագործելու մեր ինտելեգենցիայի ազգայնական մտայնությունը՝ կառաջարկե թողնել այդ գիծը ու միջազգայնական սկզբունքը դավանել՝ այդ բանին կոմունիստական կուսակցության օգնությունը խոստանալով։
 +
 +
․․․ Ճիշտ այնպես, ինչպես ագռավը խրատ տա սոխակին՝ իր ձայնը փոխելու։
 +
 +
⁕ Աշոտիկս քաղաքային բուժարանի ձրի բժիշկին տարի՝ ըսավ բան մը չէ, կանցնի, այլևս մի բերե։ Մասնավոր բժշկի տարի՝ ըսավ շատ վտանգավոր հիվանդություն է ու ամեն օր պիտի բերես։
 +
 +
Ավելի աղեկ է մարդս աղքատ ըլլա ու հիվանդութեն չունենա, քան հարուստ ըլլա ու ծանր հիվանդությամբ բռնված։
 +
 +
<b>Չորեքշաբթի 11.</b> ― Հայկոպը Պարսկաստան է արտահաներ ութ հազար ռուբլու կոնյակ ու գինի, 1200 ռուբլու պանիր և680 ռուբլի 68 կոպեկի մրգեղեն։
 +
 +
Այս նույնն է, ինչ որ ես վարտիքիս մեկ մասը կտրեմ և ծախեմ՝ հանուն վաճառականության։
 +
 +
Ըսենք նորեն կհարմարի ինձի այդ, և առանձին վնաս մը չի պատահեր, եթե երկուական սանթիմ վարտիքիս երկու վերջավորությունեն կտրեմ (քիչ մը երկար են), բայց Հայաստանն ինչպե՞ս կրնա պանիր արտահանել, երբ գրամ մը պանիրի համար մարդ կսպանեն կոոպերատիվներու դռներուն վրա․․․
 +
 +
Ահա քեզի տնտեսական․․․ զվարճալիք։
 +
 +
⁕84 ամյա մայրս, որ խոսակցության մեջ ցույց կուտա, թե ալ ձանձրացեր է կյանքե ու մեռնել կուզե, այսօր երեկոյան աղոթքին երկար կյանք կխնդրեր Աստծումե․․․
 +
 +
<b>Հինգշաբթի 12.</b> ― Սատանան տանի ինձի, պլանաչափ գործ բռնել չեմ գիտեր։
 +
 +
Անցյալ ամառ Գոհարիկ անունով վարժուհի մը շարունակ կբարևեր ու ծանոթություն կփնտրեր՝ մերժեցի, վասնզի գյուղեն նոր վերադարձած ըլլալով սև էր քիչ մը․․․
 +
 +
Այսօր հակառակի պես այնքան է ճերմակեր ու գերցեր, որ ես է ծանոթություն պիտի փնտրեմ, եթե մերժումե չվախնամ։
 +
 +
․․․ Հիմա՛ր, ըսե, սևության համար մարդ աղջի՞կ կատե, ի՞նչ կա աշխարհիս երեսին ավելի հեշտ, քան սև աղջիկը ճերմակ դարձունելը․․․
 +
 +
⁕ Այսօր քաղաքային վարչությունը պատերուն էր փակցուցեր 32 պարտադիր որոշում՝ որոնցով կարգելվեն շարք մը գործողություններ։ Եթե այս պարտադիր որոշումները շարունակվեն այս եռանդով, հանցանք չգործելու համար ամենաապահովը պառկել և բնավ տեղեն չշարժվելն է․․․ Եթե իհարկե ատ ալ արգելված չէ։
 +
 +
<b>Ուրբաթ 13.</b> ― Եկեղեցու պատմության ապագա գրողը պիտի այսպես խոսի․ Քրիստոսին հետևողները ունեն աստիճաններ՝ «ուրարակիր», «սարկավագ», «վարդապետ», «եպիսկոպոս», «արքեպիսկոպոս», իսկ Լենին հետևողները՝ «կարմիր հոկտեմբերիկ», «պատկոմ», «կոմսոմոլ», «իսկական կուսակցական» և «հին գվարդիական»։
 +
 +
⁕ Բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, որ տարի մը առաջ «երկու աչքով» ծիծաղելով Խորհրդային Հայաստան մտավ, այսօր արդեն «մեկ աչքով» սկսեր է լալ․․․
 +
 +
Այսքան շո՞ւտ։ Մեզի պես եթե յոթը տարի սա կարգերու մեջ ապրեր, քանի՞ աչքով պիտի լար արդյոք։ Կամ մենք քա՞ր ենք, որ այսքան արտասուքը միայն երկու աչքերեն կհոսեցունենք․․․
 +
 +
<b>Շաբաթ 14.</b> ― Մեր երկիրը ակնոցավաճառի խանութ մըն է, որն ունի ամեն գույնի ակնոցներ, բացի ճերմակ ակնոցեն, այսինքն՝ թափանցիկ, որ իրերը ցույց տա իրենց իսկական գույնով։
 +
 +
Քաղլուսավար, սոցլուսավար, արևլուսավար և այլն։ Այսպես անվերջ վար֊եր, բայց ոչ երբեք միայն լուսավար։
 +
 +
Դպրոցական հասակի 10-12 տարեկան տղաները փողոցին մեջ կոչնչանան իրենց 60 տարեկան հայրերը քաղլուսվարի դպրոցներում մեջ գրագիտություն կտրվին․․․ որ մեռնին։
 +
 +
Պետք է։ Պետք է այս երկրին մեջ տգետ ապրիլ ու գիտուն մեռնիլ, որ ամեն բան թարս ըլլա։
 +
 +
Պետք է բանաստեղծները համբալություն ընեն, համբալները՝ բանաստեղծություն, որ պրոլետ գրականություն ըլլա։
 +
 +
Պետք է գիտնականը դռնապան ըլլա ու դռնապանը համալսարանի տեսուչ, որ հայկական համալսարան ըլլա։
 +
 +
Պետք է մեկը 15 ռուբլի ամսական առնի ու մեկալը՝ 500, որ հավասարությո՜ւն ըլլա․․․ վերջապես։
 +
 +
⁕ «Պանիր յուղ կեդրոնը ո՛չ պանիր ունի, ո՛չ յուղ։ Իսկական Մեծ պաս, որ կտևե ոչ թե 50, այլ կսպառնա տևել տարվա բոլոր օրերը։
 +
 +
«Բուրժուական» երկրներուն մեջ մարդիկ իրենց ունեցածը կծախեն, հոս պետական խանութները․․․ իրենց չունեցածը։
 +
 +
<b>Կիրակի 15.</b> ― Արտաշես Կարինյան։ Հայկենտգործկոմ։ Հանրապետության նախագահ․․․
 +
 +
Իսկական զեփյուռ, որ բոլորի երեսին խոսք ու խոստում կփչե։ Փոխանակ խոսքե գործի անցնելու՝ խոսքե խոսք կանցնե։ Իր կյանքին մեջ տակավին մեկ գործ է կատարած, այդ ծնվելն է, ու մեկն ալ ունի կատարելիք՝ այդ իր մահն է։ Սպեղանի մըն է, որ տակավին ոչ մեկ վերք չի բուժեր իր կյանքին մեջ։ Ոչ մեկ զոհողության առջև չի կենար՝ քեզի օգտուտ մը չի տալու համար։
 +
 +
Եթե մտնիս իր սենյակը թե՝
 +
 +
― Իշտե, ընկե՛ր Կարինյան, ողջ ընտանյոք սոված, անգործ թափվեր ենք տունը ու կմեռնինք, օգնություն մը։
 +
 +
― Չեմ կրնար, չունիմ։
 +
 +
― Ինչո՞ւ կոմունիստներուն կա՝ մեզի ոչ։ Սա ի՞նչ անարդարություն է։
 +
 +
― Ճիշտ է, անարդարություն է։
 +
 +
― Ձեր կառավարությունը իր ժողովրդյան արյունը ծծելով կապրի, ամոթ չէ՞։
 +
 +
― Բոլորովին ճիշտ է, ես համաձայն եմ քեզի հետ։
 +
 +
― Դուք գայլեր եք։
 +
 +
― Ճիշտ ես նկատեր։
 +
 +
― Ձեր կուսակցության ծրագիրը ամենապակասավորն է աշխարհիս բոլոր ծրագիրներուն մեջ։
 +
 +
― Ես ինքս այդ կարծիքին էի դեռ տարի մը առաջ։
 +
 +
― Ափսոս չէ՞ր դաշնակցությունը։
 +
 +
― Որոշ չափով՝ այո։
 +
 +
Իսկ եթե այս բոլորեն վերջ՝ կարծելով, թե իբրև գաղափարակցի պաշտոն մը պիտի ճարե քեզի ու պաշտոն խնդրես, սապես կպատասխանե։
 +
 +
― Դե՛, ընկե՛ր, բոլոր զոհողությունը մեկ մարդե մի՛ պահանջեք։ Ես համաձայնեցի քեզի հետ, որ մենք գայլեր ենք, որ դաշնակցությունը մեզմե  լավ էր, որ մեր կարգերը անարդար են, որ մեր ծրագիրը անպիտան է, իսկ դուն այս բոլորի վրա պաշտոն ալ կուզես։ Այսքանը ես ըրի, ատ մեկն ալ թող ուրիշ մը ընե, ի՞նչ կըլլա․․․
 +
 +
Հետո կավելցունե․
 +
 +
― Գնա՛, թե բանի մը պակասություն ունենաս, առանց քաշվելու դիմե, ես միշտ պատրաստ եմ։
 +
 +
Արդարությունը կպահանջե, որ Կարինյանը, իր ձեռները, ոտները ու մյուս բոլոր զգայարանները Աստծո վերադարձնելով, փոխարենը խոշոր լեզու մը խնդրե, որ դիմանա այսքան խոսքին․․․
 +
 +
⁕ Ակռաներես մեկը կշարժի․․․ անգործութենեն։
 +
 +
<b>Երկուշաբթի 16.</b> ― Կոմկուսակցությունը կանգնած ջուր է նեղլիկ ամանի մը մեջ։ Կբորբոսնե, ու ամիսը անգամ մը Կենտկոմը շերեփով կառնի երեսինը անդին կնետե։
 +
 +
Դեռ ամիս մը չկա, ինչ տրոցկիստներուն շերեփով քաշեցին ամանի երեսեն և Սիբիր թափեցին, հիմա «սպեցիֆիկներն» են երեսին կանգնել․․․
 +
 +
Այս ամանին տակը եթե չծակվի, ողջ պարունակությունը, երեսեն բորբոսնելով, պիտի ապականի։
 +
 +
⁕ Իսահակյանը Հայաստանեն կշտացած, արտասահման կուզե վերադառնալ։
 +
 +
«Կնոջ ու որդու սերը» կքաշե եղեր․․․
 +
 +
Կինն ու որդին միտքն են ինկեր, ու շատ կարելի է «երկու» աչքով կուլա արդեն։
 +
 +
Բայց մեր կառավարիչները հազիվ թույլ տան մեկնել իրեն, նախքան Իսահակյանը կմերկանա իր բոլոր մարդկային առաքինություններեն։
 +
 +
Գյոթեն կըսե իր Ֆաուսթին մեջ․
 +
 +
<poem>
 +
«Հավատա Կատիկ այստեղ վտանգ կա,
 +
Կմտնես աղջիկ՝ չես դուրս գա աղջիկ։
 +
</poem>
 +
 +
Ըսել կուզե աղջիկ կմտնես՝ կնիկ դուրս կուգաս։ Այո՛, կնիկ ու բան մըն ալ անդին՝ պոռնիկ։
 +
 +
Բայց երկրի տերերը առայժմ մանկավարժական մեթոդով կուզեն մոռցնել տալ իր «կին ու տղան»։ Կարինյանը կառաջարկե ամսով մը իր հետ Պետրոգրադ պտույտի ելլել։
 +
 +
Այսպես կվարվեն բոլոր այն մայրերը, որ կրծքե կտրել կուզեն իրենց մանկիկները։
 +
 +
<b>Ուրբաթ 17.</b> ― Այսօր կլրանա «Խորհրդային Հայաստան» օրաթերթին 2000 օրինակը։
 +
 +
Նորեն աշխարհը իրար է անցեր, նորեն բաժակի մեջ փոթորիկ։
 +
 +
Հետաքրքիր է ինչե՞ն իմացավ ռուսերեն «Տրուդ» լրագիրը, որ հոս «Խորհրդային Հայաստանին» 2000 օրինակը կհրատարկվե։
 +
 +
Հանցա՞նք պիտի գործեմ, եթե կարծեմ, որ այստեղեն իսկ՝ Երևանեն՝ «Խորհրդային Հայաստանն» ինքը գրեր է «Տրուդին» ալ, «Պրավդային» ալ, թե իմ 2000 օրինակը կլրանա՝ ինձի շնորհակալական հեռագրեր ղրկեցեք։
 +
 +
Հանցանքը ասոր մեջ կասկածելն է։
 +
 +
<b>Շաբաթ 18.</b> ― Կարմիր գիծեն ներս կյանքը պաղեր է այնպես, ինչպես ջերմաչափին կարմիր գիծեն դուրսը։ Երբ ապրիլ ուզենամ, սենյակս կմտնիմ, կբանամ անցյալ կյանքս հիշեցնող թուղթերը ու կսկսիմ ապրիլ․․․
 +
 +
Սա յոթը տարի է, ինչ կապրիմ նախկին կյանքովս ու կմեռնիմ նախկին մահովս։
 +
 +
Կյանքը պաղելու է հիմա։
 +
 +
Ու երբ թղթապանակս ծածկած դուրս կելնեմ փողոց, կըսեմ մտքիս մեջ․
 +
 +
«Իմ կյանքը գզրոցիս մեջ թողի, իսկ մահս կտանեմ փողոց․․․ պտույտի»։
 +
 +
⁕ Գարունը կուգա, բայց Խորհրդային Ռուսաստանը մոռցել է հավարը պոռալուն այն պատերազմի, որ յուրաքանչյուր գարնան ծայր կուտա իր․․․ երևակայությանը մեջ։
 +
 +
<b>Երկուշաբթի 20.</b> ― Կուսդպրոցին պատուհանին տակեն անցածս ժամանակ, տեսա մարդկային կմախք մը, որու շուրջ հավաքված սաները մարդակազմություն կսովրեին։
 +
 +
Կանցնեմ ու կմտածեմ։ Ստուգվա՞ծ էր արդյոք։
 +
 +
Գուցե այդ կմախքը իր կենդանի ժամանակը կուլակ կամ հաստափոր վաճառական է եղեր, որը բանվորական ներկա դիկտատուրայի ժամանակ  իրավունք չուներ բնավ ոսկորների այն դասավորությունը ունենալ, ինչ որ դիցուք դազգահի բանվոր կամ կամ հին կադրի կուսակցական մը։
 +
 +
Ի՜նչ է, պզտիկ մահ մը կրնա՞ հավասարցունել այն անդնդախոր տարբերությունը, որ կա բանվորի ու բուրժուայի միջև։
 +
 +
― Ո՛չ։
 +
 +
Կրնա՞ կամ կհամարձակի՞ Կաուցկիին փայծաղը ձախ կողմը գտնվել այն պահուն, երբ Լենինի փայծաղը իր ձախ կողմն է։
 +
 +
― Ամենևի՛ն։
 +
 +
Ինչպե՞ս կրնան երկուքն ալ ձայնական նույն օրգաններն ունենալ, երբ կոմկուսակցությունը «կխոսե», իսկ դաշնակցությունը՝ «կոռնա»։
 +
 +
Կուսակցական որպիսի՜ ատելություն, օ՜, աստված իմ․․․
 +
 +
Հավատացած եմ, եթե դաշնակցությունը օր մը հաջողեր «խոսել», կոմկուսակցությունը նմանվելու վախեն ստիպված պիտի «ոռնար» ապաքեն։
 +
 +
⁕ 84֊ամյա մայրս հիվանդ է ու կվախնամ մեռնի։
 +
 +
Գլուխս այնքան խառն է, գործերս այնքա՜ն խճճված։
 +
 +
Դագաղագործի՞ն երթամ, զա՞գս վազեմ մեռնելու թույլտվություն ստանալու, սոցա՞պ հերթի կենամ թաղման ծաղսի համար, հասցեներու սեղա՞ն շտապեմ անունը «դամավոյ կնիժկայեն» դուրս հանելու։
 +
 +
Գործեր, որք շաբաթներու կնային ու չկատարելու պարագային խոշոր տուգանք կսպառնան ինձի։
 +
 +
Իրիկուն, երբ մայրս «կմեռնի՜մ» ըսավ՝
 +
 +
― Մա՛յր, ― բարկացա վրան, ― ինչո՞ւ կշտապես, չկա՞ն քեզմե ավելի ծերեր, որք 100, 120 տարի կապրին։
 +
 +
Բայց կվախնամ։
 +
 +
Երանի անմահ ըլլար մայրս․․․
 +
 +
<b>Երեքշաբթի 21.</b> ― Այսօրվա թերթը կգրե խոշոր դատավարության մը մասին։ Դոնի ածխահանքերու ճարտարապետները պետությանը նյութապես վնասելու համար՝ ածխի ընտիր շերտերը հողով ծածկեր են ու հորեր փորեր այնպիսի տեղանք, որ ածուխ չկա եղեր․․․
 +
 +
Աս մասնագետները, որոնց թիվը տասնյակներու կհասնե,  հավանաբար գնդակահարվեն մասնագետ գնդակահարողներե։
 +
 +
⁕ Գարունը կուգա։ Օ՜հ, բնություն, ողջո՜ւյն քեզի։ Եթե քո փոփոխությունները չըլլային՝ վաղո՜ւց կորսունցած պիտի ըլլայի հասկացողությունը բնականի մասին։
 +
 +
<b>Չորեքշաբթի 22.</b> ― Վա՛, վա՛, խորհրդային մասնագետներու դողը բռներ է։ Բոլորը «զայրույթ» կհայտնեն Դոնի ճարտարապետներուն, բոլորը «նողկանք» կթքնեն նույն ճարտարապետներուն։ Մենք անոնցմե չե՜նք՝ կպոռան անոնք, մենք ձեզի հետ ենք՝ կճչան անոնք։
 +
 +
Կհարցնեմ․
 +
 +
― Եթե այսպես «լծված եք» սոցիալիստական շինարարությանը, եթե այդքան կհամակրեք կոմունիստական շինարարությանը, ինչո՞ւ կոմունիստ չեք։
 +
 +
⁕ Աֆղանստանի թագավորը պտույտի է ելեր Եվրոպա։ Բոլոր պետությունները հացկերույթ կուտան իրեն ու բաժակաճառերու մեջ կուխտեն բարեկամ մնալ իրարու։
 +
 +
Զարմանալի բան։ Ինչքա՜ն դժվար է ճաշի վրա թշնամություն ընել մեկի մը։
 +
 +
Եվրոպայի բանվորական պատգամավորները Ռուսաստան եկան, ճաշե մը վերջ հավնեցին սովետական ռեժիմը ու գացին։
 +
 +
<b>Հինգշաբթի 23.</b> ― Ինչպես որ սովի ժամանակ ձիերու զարմերը կվազեն մեծատանց ձիերուն հետևեն՝ անոնց արտադրանքեն ողջ գարու հատիկներ գտնելու համար, անանկ ալ հիմա «անկուսակցական» մասսան կոմունիստներու ետևեն կերթա․․․
 +
 +
Բայց ավա՜ղ։
 +
 +
Անոնք սաստիկ երիտասարդ են, ակռանին բերաննին պատկոմի պես «միշտ պատրաստ» ու հազիվ հույս ըլլա ողջ հատիկներու․․․
 +
 +
⁕ Մորիս Մետերլինկը կըսե․ «Կուգա ժամանակ, երբ մարդիկ կհասկանան զիրար՝ առանց բառերու օգնության»։
 +
 +
Այդ ժամանակը եկեր է արդեն։ Այսօր ծերունի դերձակիս հանդիպելով բան մը չխոսեցանք, բայց զիրար հասկցանք։
 +
 +
․․․Բայց սա թշվառական հարկահավաքը ինչո՞ւ չի ուզեր լռություն հասկնալ ու շարունակ դրամ կուզե բարձրաձայն։
 +
 +
<b>Ուրբաթ 24.</b> ― Երկու դասակարգ։ Քանի մը կուշտեր՝ անթիվ սովյալներ։ Մարմինս կապելով դժնդակ իրականի, հոգովս կթռնիմ։
 +
 +
Մարմինս լքյալ պանդոկ մըն է հիմա, որ բերանը բերած կորոճա իր 18 տարի առաջվա կյանքը։
 +
 +
⁕ Կնոջս թևը, որ երեք ամիս ի վեր կցավեր, սա քանի օրս լավացավ։ Երբ կգա տքալու ժամանակը, չի գիտեր՝ հիմա ի՞նչ տեսակ ձայն հանե ու տեսակ մը ցավի կարիք կզգա։
 +
 +
<b>Շաբաթ 25.</b> ― Հանգուցյալ բանաստեղծ Հովհ․ Թումանյանի մահվան հնգամյակի առթիվ հուշի երեկո կկազմակերպվե։ Այսպես է հոս։ Կենդանի բանաստեղծները անհուշության կմատնեն, իսկ մեռածներին գերեզմաններեն կհանեն հիշելու։
 +
 +
⁕ Եթե կտեսնաս մարդիկ, որք տուն կերթան երկու ագռավի գլխի մեծության բաներ փաթթած թուղթերու մեջ, գիտցիր, որ 200 գրամ կարագ, 200 գրամ պանիր է, որ գտածի նման ուրախ տուն կտանեն։
 +
 +
Այդ մեր կոոպերատիվի մաքսիմումն է։ Լավ չէ՞ր, եթե ամեն ոք ձեռք մը հաց երկարելով ներսը՝ պոռար․
 +
 +
― Ընկե՛ր, քիչ մը կարագ քսե հացիս։
 +
 +
<b>Կիրակի 26.</b> ― Ահա ձեզի Գավգործկոմի «Լենինյան անկյունը», որուն ճակտին գրված է՝ «Գլխարկները հանել»։
 +
 +
Ինչքա՜ն ազատ է այս կրոնը, որ չի հրամայեր կոշիկներն ալ հանել։
 +
 +
Պատին վրա՝ հոն, ուր պիտի կախված ըլլար Աստվածածնին պատկերը, կփայլե (ուզե կամ չուզե) Լենինի մոր սրբափայլ պատկերը։ Պողոս Առաքյալին տեղը Բուխարինն է բռներ, Զեփիթյա որդոց տեղը՝ Ստալինն ու Կալինինը։
 +
 +
«Կարմիր անկյունը» աշնանս առաջին սրբավայրն էր։ Ամբողջ երեք ամիս սա սենյակին այցելուները առնետներն էին ու սարդի ոստայնները։ Ապա, տեղի սղության պատճառով, երկրորդ սենյակը տեղափոխեցին, ապա՝ երրորդը, հետո՝ չորրորդը, ետքեն՝ հաջորդը ու այսպես սկսեցին շրջան ընել մինչև «00» համար սենյակը ու կանգ առին։
 +
 +
Այս համարը մյուս բոլոր հաստացուցյանց մեջ  ալ այն սենյակն է, որ ոչ թե երեք ամիս, այլ երեք օր ալ չի կրնար փակվի։
 +
 +
Այս համարը միակն է մեր բոլոր պաշտոնատանց մեջ, ուր իրական գործ կկատարվե․․․
 +
 +
⁕ Տեղական տնտեսության վարիչը հայտնելով, որ կարդացեր է գրվածքներս ու շատ է հավներ, այնուհանդերձ «ընկ․ Կամսարական» կանվանե զիս։
 +
 +
Այդ ինչպե՞ս է կարդացեր, որ անունս չի գիտեր։
 +
 +
<b>Երկուշաբթի 27.</b> ― Մեր մեքենագրուհին օրական մեկ սանթիմ վեր կքաշե իր շրջազգեստը՝ նպատակ ունենալով ցուցնել իր ամբողջ գերությունը։
 +
 +
Բան չեմ ըսեր, տիկի՛ն, կհավատամ, որ շատ միս ունիք․․․ բայց գեղեցիկ չեն ափսոս։ Լենինն անգամ ըսեր է՝ քիչ, բայց լավ։
 +
 +
⁕ Այսօր կրճատեցին ինձի պաշտոնես։
 +
 +
<b>Երեքշաբթի 28.</b> ― Ինչքա՜ն անոթացեր է մեր պետությունը․․․
 +
 +
Պետքարանը առանձնացածս միջոցին պետական երեք հարկահավաքներ խանգարեցին ինձի։ Մեկը դռնապանի վարձը կուզեր, երկրորդը՝ ջրի գինը, իսկ երրորդը՝ պետապին հասանելիք հարկը։
 +
 +
Ատանկ ալ խայտառակությո՞ւն։
 +
 +
Աղեկ որ լուծ չեմ, չէ նե ով գիտե՝ մինչև ավարտելը քանի հարկահավաքներ ընդունելու հարկին տակ գտնվեի պիտի․․․
 +
 +
<b>Չորեքշաբթի 29.</b> ― Փողոցին մեջ տեսա միլիցիա մը, որ ատրճանակը կողքին կապած կերթար։
 +
 +
Ի՜նչ երջանկություն այս երկրին մեջ ինքնասպանության տեխնիքական հարմարություններ ունենալը։
 +
 +
Զանգու մը ունինք այդ նպատակի համար, որը այնքան կձգձգե իրեն մեջ նետվողին խեղդելու գործը, որ ինքնասպանը ձանձրույթեն ու սրտանեղութենեն կուզե ինքզինքը նորեն ափը նետել ու ապրիլ։
 +
 +
Չէ՛, մերին պես հուսահատ երկրե մը ասանկ պզտիկ գետ անցնելու չէր։
 +
 +
⁕ Այսօոր Աշոտիկս իր ընկերոջմեն «սուտ» բառն էր լսեր ու դիմելով ինձի՝ ատոր նշանակությունը կուզեր գիտնալ։
 +
 +
― Դեռ փոքր ես, բալա՛ս, ― պատասխանեցի, իր գանգրահեր գլուխը շոյելով, ― երբ մեծնաս, կարդալ սովրիս, «Խորհրդային Հայաստան» կարդաս՝ այն ատեն միայն կիմանաս, թե ի՞նչ  բան է «սուտը»․․․
 +
 +
<b>Հինգշաբթի 30.</b> ― Այս գարնանս քաղաքիս շինարարությունը հանկարծակի կանգ առավ։ Այնքան հանկարծակի, որ կարծես եղածն ալ կուզե քանդվել։ Ըսես սխալ փողոցով դեպի ստույգ վտանգն առաջացող ճամբորդ մը շտապ ետ կդառնա։
 +
 +
Տեղն է պետությանը։ Եթե առաջվնե շինարարությանց չձեռնարկեր, այսօր այսքան կիսատ շենքեր չէր ունենա այս ունայն փողոցեն մեջ տնկված ու յոթը տարվա անգործության ստաժ կունենար ձեռքին։ Ստաժ մը, որ ավելի կարժե ինձ մոտ (երբ հարկավ խոսքը բոլշևիկի մասին է), քան յոթ տարվա «շինարարական» ստաժը։
 +
 +
Վասնզի հասել ենք վերջապես այն օրվան, երբ «շինելը» «քանդել» կնշանակե։
 +
 +
⁕ Դուրս եկա քիչ մը օդ առնելու։
 +
 +
Երեխաները լճակին մեջ լող կսորվեին։ Մեկը անոնցմե օդով լեցված տիկի մը վրա հեծած կլողար, որը սակայն ծանրացած շարունակ կսուզեր՝ հետը տանելով նաև փոքրիկ լողվորը։
 +
 +
― Տղաս, ― ձայնեցի իրեն, ― օդի փոխարեն «կոմունիզմ» լեցուր պարկիդ մեջ ու հեծիր։ Այս նոր գաղափարը օդեն թեթև ըլլալով, բնավ պիտի չսուզես ջրին տակը․․․
 +
 +
<b>Ուրբաթ 1.</b> ― Ինչպես պատերազմի խեղանդամները, այսօր Երևանի տուներու մեծագույն մասը նեցուկներով կապրե։ Ընդամենը 27 նոր տուն է շինված, մինչ անդին 300 տուներ կպատրաստվեն փուլ գալ։ Ճարտարապետները գործերը թողած օր ու գիշեր գերան կնեցուկեն այս հիվանդ տուներուն։
 +
 +
Ո՜վ ճարտարապետներ, թողեք այդ մանր նեցուկները, փնտրեցեք խոշոր նեցուկ մը սա Խորհրդային Ռուսաստանին տակը տալու, որն սկսեր է դեպի կործանումը հակել։
 +
 +
Եթե դուք փրկեք ծառը տապալումեն, փրկած կըլլաք նաև այդ ծառին վրա շինված հարյուրավոր թռչունի բույները․․․
 +
 +
⁕ Խորհրդային միությունը Ֆրանց Իոսիֆ կղզիեն սկսած մինչև Հյուսիսային բևեռը կհայտարարե իր սեփականությունը։
 +
 +
Վա՛յ, վա՛յ։
 +
 +
Այդ գոտիի բոլոր արջերը, ըսել է պիտի թողնեն իրենց բնակավայրը ու հեռանան։
 +
 +
Դարերով ազատ ապրած արջը «բանվորական դիկտատուրայի՞» կդիմանա․․․
 +
 +
<b>Շաբաթ 2.</b> ― Հայտնի իրավաբան ու բոլոր հանցագործներու պաշտպան Գրիգոր Չուբարը այսօր հոդված մըն է գրեր՝ հայհոյանքի տարափի տակ մեղադրելով դաշնակցությանը՝ 17 թվին տուն վերադառձող ռուս զինվորները ճանապարհին Գանձակի թուրքերու հետ կոտորելու մեջ։
 +
 +
Չենք զարմանար այս զրպարտությանը վրա, վասնզի հարգելի փաստաբանը իր կյանքի մեջ ճշմարտության ինչ ըլլալը դեռ չի տեսեր, ու տեսնա ալ, չի ճանչնար այսօր։ Բայց թե 10 տարի անց ինչպե՞ս մեկեն միտքն ընկավ Շամքորի կոտորածը։
 +
 +
Ըսողներ կան, թե իր օրեօր աճող հարստությունը իշխանության աչքեն ծածկելու համար թոզ կփչե։
 +
 +
Եթե այդ է պատճառը, ուրախալի է, վասնզի գեթ հույս կա օրեն մեկ աղքատանալուն հերքե պիտի իր սուտը ու ետ վերցնե մեղադրանքը։
 +
 +
․․․Մարդիկ, որոց համոզումները արդեն ոչ թե գլխուն մեջ կգտնվե, այլ դրամապանակին։
 +
 +
⁕ Մակդենի վարչապետ Չան ցո Լենի վրա ռումբ է նետված։ Անգլիական թերթերը կգրեն թե նետված ռումբը ռուսական է, չինացիները կգտնան, որ ճապոնական է, Ճապոնիան՝ ամերիկյան է կըսե, ու մեծ վեճ կա։
 +
 +
Չան ցո Լենը վիրավոր է ու մինչև այս ռումբին որու ըլլալը չպարզվե, չպիտի մեռնի։
 +
 +
<b>Երեքշաբթի 5.</b> ― Սարսափելի արագ փոփոխություններ կոմունիստ պաշտոնեության մեջ։ Գլխարկնին փոխելով երևի կուզվե ազդել գլխուն վրա։ Գործերնին անհաջող կերթա կոր, ու դեպի սոցիալիզմ չեն երթար սա անմեղ մանկիկները։
 +
 +
Շաբաթ մը առաջ խնդրով մը դիմեցի Գավգործկոմ։ Պաշտոնյան ըսավ՝ խնդրին ծանոթանամ, վաղն եկուր պատասխանի։ Հաջորդ օրը գացի՝ ուրիշ մըն էր նստած տեղը ու ըսավ՝ կհարցնեմ նախորդիս ու կպատասխանեմ։ Երրորդ օրը գացի՝ երրորդ մըն էր նստած ու կսպասեր իր նախորդեն տեղեկանալ ու պատասխանել։
 +
 +
Փոփոխություններ կինեմատոգրաֆի արագությամբ։
 +
 +
Եթե առաջվնե հայտնի ըլլար սա փոփոխվող պաշտոնեից ցանկը, ան ատեն դյուրին էր՝ խնդիրը կուտայի այն ամենավերջին թեկնածուին, որ պիտի նստեր ամիս մը հետո։ Ճիշտ այնպես, ինչպես որսորդ մը օդին մեջ թռչուն խփելու ատեն նշանը միշտ քայլ մը առաջ կբռնե։
 +
 +
⁕ Ժողկոմխորհն, Կենտգործկոմն ու Չեկան միացած հրաման մը կհրապարակեն, որով սրիկայությանը վերջ տալու համար կսպառնան գնդակահարել հանցավորը, ու արդեն իսկ որպես կանխավճար կուտան երկու  գնդակահարվածներու անունները ըսելով․
 +
 +
― Ահա այսպես կընենք։
 +
 +
Եթե լոկ «մուստուսայի» համար գնդակահարվեցան այդ մարդիկ՝ ափսոս երկու կյանքեր։ Առանց տեսնելու ալ աղեկ գիտենք, թե ինչ է գնդակահարությունը։
 +
 +
Կամ։
 +
 +
Ինչո՞ւ կառավարությունը արդարության, ճշմարտության, ազատության գաղափարները ժողովրդյան հասկանալի լինելու համար գործնականի չի դիմեր ու միայն մահապատժի համար կուզե օգտվել այդ գերազանցապես մանկավարժական մեթոդեն։
 +
 +
<b>Չորեքշաբթի 6.</b> ― Երբ կուզեմ ապրիլ, կպառկեմ անկողնակալիս, աչքս առաստաղին կճամբորդեմ ուզածս տեղ և ուզածս րոպեին կհասնիմ։ Անթիվ դրամի տեր կըլլամ ու ժամերով կխորհեմ, թե ինչպես ծախսեմ այդ դրամը։ Կհաղթեմ ու կջախջախեմ իրականի մեջ հզոր թշնամուս։ Այս րոպեներուն սիրահարվելիս, աղջիկներն իրենք  սովորաբար կուգան ու կաղաչեն իմ բարեկամությունը։ Կողորմեմ աղքատին ու կսկսիմ ամուր բնակարան մը կառուցել ամեն հարմարություններով։ Միայն կվարանեմ ու չեմ գիտեր կարմի՞ր, թե՞ սև քարեն շինեմ։ Մեկ ժամվա մեջ կհասնիմ այն բոլորին, ինչ մարդիկ կհասնեին իրենց ողջ կյանքի ընթացքին։
 +
 +
Ժամ մը վերջ զգաստացած կխորհիմ։ Լավ է, որ ամեն բանի այսպես դյուրին չի հասնվիր, ապա թե ոչ բոլորը մեկանց վայելելով այլևս մնացյալ կյանքի մեջ իմաստ չէր մնար․․․
 +
 +
⁕ Կենտգործկոմ Արտաշես Կարինյանը նոր իմաստով Մոսկվա, հինով՝ Տիզբոն «ի դուռն Շապուհ արքայի» գնաց արդարանալու, թե ինչո՞ւ 27 թվին Բաքուի «Կոմունիստ» թերթին մեջ գրեր է, թե «բոլշևիկների գալով Հայաստանը վերածնվեց» ու չի գրեր «նոր ծնվեց»։ Մի՞թե 21 թվեն առաջ Հայաստանը գոյություն է ունեցեր․․․
 +
 +
<b>Հինգշաբթի 7.</b> ― Նպարավաճառ Սեդրակին խանութը ճամբուս վրա է։ Պզտիկ խորշ մը, որու հետևանքով ամենայն օր ապրանքը դուրսը կշարե, իսկ երեկոները ներս կառնե ու խառնիխուռն դարսելով կգոցե զայն։
 +
 +
Սեդրակը, սակայն, այսօր շվարած դուրս կդներ իր ապրանքը ու չգիտեր, փակե՞լ ընդմիշտ խանութը, թե՞ շարունակել առուտուրը։
 +
 +
Սեդրակին վրա մեծ «նալոգ» էր եկեր ու կվնասեր խանութին։
 +
 +
«Սեդրակի խանութ» մըն եմ ես ինքս։
 +
 +
Ամեն երեկո, երբ անկողին կմտնեմ, տանջող միտքերուս շարանը ներս կառնեմ մեջս ու աչքերս կփակեմ։
 +
 +
Առտուներ աչքս բանալով, երբ «կյանքս» սկսելու համար պետք է նորեն միտքերս « դուրս շարեմ»՝ կմտմտամ ու կտարակուսեմ, թե այսքան վնասով կարելի՞ է «ապրիլ», թե ժամանակը չէ՞ փակել այն ընդմիշտ։
 +
 +
Ամեն 12 ժամ անգամ մը հիշել թշվառությունս՝ շատ ծանր է։
 +
 +
Երանի՝ ցերեկը կա՛մ բնավ չըլլար, կա՛մ գեթ շաբաթը մեկ ըլլար։
 +
 +
<b>Ուրբաթ 8.</b> ― Այս շաբթու նորեն կարևոր պաշտոնեից փոփոխություն։ Սա կես տարի է ամեն շաբթու կփոխվեն մեր վարիչները։
 +
 +
Հայաստանը կաթսա մը ապուր է, մեջը շերեփ, շերեփին պոչն ալ Թիֆլիս կգտնվե Ս․ Կասյանին ձեռքը։ Նստելուն կամ վեր կենալուն Կասյանը եթե հանկարծ այդ պոչին դիպնա, հոս Հայաստանին մեջ հսկայական տակնուվրայության ականատես կըլլանք։
 +
 +
․․․Ու կըսեն, թե Կասյանը սա կուսակցության մեջ ամենեն անխելք ու տխմար մարդն է։
 +
 +
Ըստ իս՝ այդպես ալ պետք է։
 +
 +
Անկարելի է այսքան անմիտ վարել պետական գործերը առանց գլուխը հանճարեղ տխմար մը ունենալու։
 +
 +
⁕ Թերթը կգրե, որ տեղացող անձրևներեն փլեր է գիշերօթիկ դպրոց մը ու տակը առեր 20 աշակերտ։
 +
 +
Շատ աղեկ՝ բայց ինչո՞ւ այս լուրը «կուսշինարարական» բաժնին մեջ չէր գրված։
 +
 +
<b>Կիրակի 10.</b> ― Գիշերը երազիս մեռեր էի ու առանց դագաղի գերեզման դրին զիս ու Երևանի գերեզմանատան գրանիտե քարակոշտերը գլխուս կթափեին․․․
 +
 +
Արթննալուս պես գացի ու դագաղագործին կանխավճար տվի։
 +
 +
Տուն կդառնամ մտածելով։ Եթե աշխարհիս երեսին մեկը կա, որ չի կրնար անկեղծ ըլլալ՝ ատիկա դագաղագործն է։ Եթե հարցնես․
 +
 +
― Վարպետ, կուզե՞ս, որ շատ մարդիկ մեռնին։
 +
 +
― Չէ, ― պիտի պատասխանե անպատճառ, ինչ որ ստել ըսել է։
 +
 +
Հետո մտածեցի։
 +
 +
Ինչո՞ւ դագաղագործությունը, Խորհրդային Միության մեջ սա ամենաձեռնտու գործը, չի պետականացվեր։ Հազըր պլանաչափություն կմտներ մեռնելու գործին մեջ ու մյուս կողմե դագաղը, որպես պետական արհեստանոցի գործ, թանկելով՝ կանգ կառներ մեռնողներու սա հոսքը։
 +
 +
Կկարծեք ապրուստ չունի ժողովուրդը անո՞ր համար այսքան կմեռնե։ Բնավ երբեք։ Մարդիկ դագաղին սաստիկ աժանությանը համար կուզեն օգտվիլ անկե․․․
 +
 +
⁕ Չեկայեն արձակվեցավ ինձի ծանոթ դերձակ մը, որ տարի մը բանտարկված էր բոլորովին անմեղ։ Վախեն, խեղճ մարդը մեկի մը երես չի նայեր, բարեկամի տուն չերթար, ծանոթի չի բարևեր, հավաքույթե կփախչի ու եթե առաջնորդ մը ունենար, սիրով իր աչքը կհաներ՝ կասկածի տեղիք չի տալու համար։
 +
 +
<b>Երկուշաբթի 11</b> ― Ծո՛, ծո՛, սա ի՞նչ կլսվե։
 +
 +
Որպես թե Լեհաստանը պատերազմ պիտի հայտարարե Խորհրդային Միությանը ու (առանց այլևայլի) ջարդի վերջույս։
 +
 +
Այս լուրն ինձի բերողը այնքան ուրախ էր, որ անզգուշաբար սկսեր էր ժպտալ։
 +
 +
― Ծո՛, տխրե ու մի ցուցաներ սիրտդ, հիմա կրակի մեջ պիտի ձգես մեզի․․․ կամ դեմքդ հյուսիս դարձուր չտեսնեն․․․ չէ, այդ հարևանիս տղան կոմունիստ է, ձախ դարձիր․․․ ո՛չ, կասկածելի է՝ չեկայի կառապանը կատե այն կողմը․․․ դեպի դաշտը նայե․․․ բայց չեկայի ձիերը կարածեն ու տե՛ս, մեկը մինչև անգամ գլուխը վեր առած շիտակ մեզի կնայե։ Եթե քեզի զսպել չես կրնար, գնա՛  ջրհորի բերանը բաց ու գլուխը հոն կախելով խնդա, ― ըսելով ճամբու դրի լրաբերին, ու ինքս՛ սկսեցի լացողի դային․․․ դժողքեն։
 +
 +
Այսպես է մեր երկիրը։
 +
 +
Երբ մեկը կուլա, գիտցիր, որ ուրախ է, երբ կխնդա՝ ատիկա խոշոր տխրություն կնշանակե։
 +
 +
Այսինքն՝ ամեն բան շրջված։
 +
 +
<b>Երեքշաբթի 12․</b> ― Ամերիկայեն բարեկամս «Խորհրդային Հայաստան» օրաթերթն էր խնդրած ինձմե։ Ուղարկեցի քանի մը համար՝ կցելով սա բացատրական բառարանը։
 +
 +
«Շինարարություն» ― քանդարարություն, քարը քարի վրա չթողնել,
 +
 +
«լուսաշինություն» ― գիտակցությունը մթնեցնել, գիտցածն ալ մոռցնել տալ,
 +
 +
«կորչի՜ անգրագիտություն» ― կեցցե՜ անգրագիտություն,
 +
 +
«Լենին» ― չաստված,
 +
 +
«լենինիզմ» ― չաստվածություն,
 +
 +
«Պատերազմի պարագային մեր ժողովուրդը մեկ մարդու պես կկանգնե» ― Պատերազմի պարագայեն մեր ժողովուրդը մեկ մարդու պես կնստե։
 +
 +
«Համայն աշխատավորությունը կսկիծ զգաց Ձերժինսկիի մահվան առթիվ»։ ― Համայն աշխատավորությունը ուրախութենեն մեռավ Ձերժինսկիի մահվան առթիվ։
 +
 +
«պայքար անգործության դեմ» ― պայքար գործ ունեցողներու դեմ,
 +
 +
«խոսքի ազատություն» ― ազատություն մը տրված միմիայն համրերուն,
 +
 +
«խորհրդային օրենք» ― անխորհուրդ անիրավություն,
 +
 +
«կոմունիզմ»  ― վեց մարդ ուտելով պատռի, մնացյալ մարդիկ անոթի մեռնին։
 +
 +
<b>Չորեքշաբթի 13.</b> ― Չնայած անոր, որ ապրանք չի ճարվեր, մյուս կողմե նոր կոոպերատիվ է որ կբացվե։
 +
 +
Այդ իմաստով վարիչները, գեթ իրարու կպած բանային, որ մեթրո մը կտավ ցուցնելու հնար ըլլար։
 +
 +
Ինչո՞ւ միայն այդ։
 +
 +
Շալվարի մեկ ոտքը մեկ խանութ, մեկալը մյուս խանութը կրնային փռել․․․
 +
 +
<b>Հինգշաբթի 14.</b> ― Այսօր նորեն կարծիքներու տարբերություն կուսակցության մեջ, նորեն պաշտոնանկություններ ու նորեն Կենտկոմի կոչ բոլոր «ընկերներուն»։
 +
 +
Ամեն տարի թոշնած ծաղիկի պես կուսակցականներեն մաս մը աջ «կթեքվեն», մյուս մասը՝ ձախ։ Ու ամենայն տարի կուսակցութենեն կկտրվեն ու անդին կնետվեն սա «թեքվածները»։
 +
 +
Լենինը այն չոր վարդն էր, կուսակցության կենտրոնը խրված, որուն կապված դեպի գերագույն անհեթեթություն կընձյուղվեին իր մատղաշ անդամները։ Ստալինը, որ այսօր կփոխարինե իր վարդապետին, երևի չունի Լենինի չորությունը։
 +
 +
Պատմությունը, չեմ գիտեր, գուցե հանճարներ քանի մը հատ կծնե, բայց ինչ կվերաբերե տխմարին՝ մեկը միայն կծնե։ Լենինը, այդ «գիտական» տխմարը, իր դափնին հազիվ թե երբևիցե մեկի մը զիջե։ Վասնզի անհնարինության չափ դժվար է փայտե շինված չըլլալ ու հաջողել այսքան հարատևել տխմարության մեջ․․․
 +
 +
⁕ Հացի փուռերուն առջև նորեն հերթեր․․․
 +
 +
Ողջո՜ւյն քեզ 1919 սով։
 +
 +
Դուն, որ ոչ դաշնակցություն կնայիս, ո՛չ բոլշևիկ։ Ով կանչե քեզի, անսեթևեթ կելնես կուգաս։
 +
 +
Եթե Հայաստանը քեզի պես երկու անկեղծ բարեկամ ունենար, իր վիճակը այսպես պիտի չըլլար այսօր։
 +
 +
<b>Ուրբաթ 15.</b> ― Փարիզի «Հառաջն» ինկավ ձեռքս՝ կարդացի։
 +
 +
Դաշնակցությունը մեծ խրախճանքի մեջ կտոնե մայիսի 28֊ը, այսինքն՝ իրենց երևակայությանը մեջ միայն գոյություն ունեցող միացյալ և անկախ Հայաստանի տարեդարձը։
 +
 +
Հեռանալով Հայաստանեն, այդ կուսակցությունը կատվի նման թաթերով գլորեց իր հետ տարավ փուչ ընկույզի նման այդ գաղափարը ու հետը կխաղա։
 +
 +
Ասիկա նշան է այն բանին, որ մարդ քանի կենդանի է՝ բանի մը հետ պիտի խաղա։
 +
 +
Բայց տարիներ շարունակ միևնույնը խաղալով չի՞ ձանձրանար դաշնակցությունը։
 +
 +
⁕ Կոմունիստի մը հետ վեճ ունեցա սովի մասին։ Նա ի պաշտոնե կպնդեր, որ հանուն համամարդկային գաղափարներու կարեի է նաև մեռնիլ սովեն։ Կորչե մարդը, կեցցե գաղափար՝ կգոչեր անիկա «ծապլվարյան» ոճով։
 +
 +
Լա՜վ է։
 +
 +
1919-ին մեռանք հանուն ազգային՝ 29֊ին ալ մեռնինք հանուն միջազգային գաղափարի։
 +
 +
Ինձի մնա, չարժե մեռնիլ ոչ մեկ գաղափարի համար։ Վասնզի ամենամեծ գաղափարը բուն կյանքն ինքն է։ Ու կյանքեն մեծ գաղափար մը տիեզերքը չի ծնած տակավին։
 +
 +
<b>Շաբաթ 16.</b> ― Մեծ խայտառակություն։
 +
 +
Հայաստանի Կենտգործկոմի կոլեգիայի անդամ և միաժամանակ գավառային գործադիր կոմիտի նախագահ Հանեսօղլյանը, արքունի բանաստեղծ Եղիշե Չարենցը ու ֆինանսական կոմիսարի տեղակալ Կոստանյանը, կեսգիշերին հարբած, զուռնան առաջնին քեֆ են սարքեր փողոցին մեջ, քնած տեղը բռնաբարել ուզելով օրիորդի մը ու վար թափելով ու ոտներու տակ տրորելով խեղճ գյուղացիի մը խաղողի բեռը։
 +
 +
Սրիկայության դեմ օրենքներ ստորագրողը, ինքը՝ սրիկա։
 +
 +
Սա, հետաքրքիր է գիտնալ, «ա՞ջ թեքում է», թե՝ «ձա՞խ»։
 +
 +
Գուցե և թքում է։
 +
 +
Այո՛, թքում բոլոր այն բաներու վրա, ինչ որ սուրբ է։
 +
 +
<b>Կիրակի 17.</b> ― Իմ սիրելի, Աշո՛տ։
 +
 +
Մեռնելես առաջ հետևյալ կտակը պիտի ընեմ քեզի։ Ամուսնանալիս, գրավոր պայման կապե կնոջդ հետ, որ պարապելուդ ժամանակ իրավունք չունենա սենյակդ ավլելու։
 +
 +
Թե չէ ինչի նման է իմ կյանքը։ Մեկ աչքը թուղթիս, մյուս աչքը դռանը ուղղած սարսափահար կմտածեմ՝ ահա մտավ կինս ավելը ձեռքին․․․
 +
 +
Մաքրասիրությունը շատ անուշ բան է, եթե գործին հետ համերաշխ կքալե։ Բայց երբ կըսե, չէ՝, գո՛րծ, դուն կեցիր, ես առաջ անցնեմ՝ կորսվե թող այդ մաքրասիրությունը։
 +
 +
Ես հավատացած եմ, եթե կինս հանցանքով մը մահվան դատապարտվե՝ անտրտունջ կմեռնե։ Բայց եթե պարզվեցավ, որ զինքը կախելու են անանկ սենյակի մի ձեղունեն, որուն հատակը․․․ ավլված չէ, օ՜, վճռաբեկ բողոք կներկայացնե՝ խնդրելով թույլ տալ գեթ վերջին անգամ․․․ սենյակն ավլելու։
 +
 +
<b>Կիրակի 10</b> ― Բաներ մը կան բնության մեջ, որբ երբ ծերանան, այլևս չեն տնկվեր, այլ ինչպես թոշնած ծաղիկ՝ կամ աջ, կամ ձախ կթեքին։
 +
 +
Այսօր կոմկուսակցությունը այդ բաներու կարգին կպատկանե՝ մաս մը աջ է «թեքվեր», մաս մը ձախ։
 +
 +
Ես միշտ կըսեի․
 +
 +
― Այն օր, երբ սա կուսակցությունը սկսե մտածել՝ կմեռնե։
 +
 +
⁕ Կրակի վրա յուղ։ Այո, ուրիշ կերպ չկրցա որակել, երբ տեսա քաղաքային հոգեկան հիվանդանոցին բժիշկը «լենինիզմ» կբաժներ հիվանդներուն կարդալու․․․
 +
 +
<b>Երկուշաբթի 11.</b> ― Վերջերս ժողովուրդը ուրիշ ճար չգտնելով՝ կգինովնա ու կսկսե ճիշտը խոսել։
 +
 +
Այդ պատճառով կառավարությունը դեկրետով մը կարգելե հարբեցողությունը։
 +
 +
Շատ աղեկ, բայց չէ որ գինովներե զատ երեխաներն ալ ճշմարտությունն ըսելու մոլությունն ունին։ Սպասենք երկրորդ դեկրետ մը երեխայության դեմ։
 +
 +
<b>Երեքշաբթի 12.</b> ― Երեկ տեղ մը քեֆի էի կանչված։
 +
 +
Մեկը կոչնակներեն համալսարանի վերջի կուրսի ուսանող էր, որն «անհարազատության» մեղադրանքով կրճատված էր ու բարկութենեն լալ կուզեր։
 +
 +
Մյուսը ուսանող մըն էր, որուն կրճատեր էին նույն պատճառով, և մտածելով իր բազմանդամ ընտանիքի վերահաս սովամահության մասին, ահաբեկված էր։
 +
 +
Երրորդը կոշկակար մըն էր, որին նորուս աշակերտը դատ էր բացել վրան, իբրև «աշխատանքն շահագործողի» ու ցավագին մտմտուքի մեջ էր՝ թե վաղը ինչ պիտի վճռի դատարանը, ու թուքը ցամքեր էր բերնին մեջ։
 +
 +
Չորրորդը նորեն կոշկակար էր, որուն կոոպերատիվը երեք օր է ինչ կաշի չէր տար՝ ստիպելով արտելի մեջ մտնել, իսկ արտելի մեջ մտածները արդեն սկսեր են բիզերով զիրար ծակել․․․
 +
 +
Հինգերորդը անասունի առուտուրով կզբաղվեր, որուն վրա այնպիսի մեծ «նալոգ» էր եկեր, որ տունն ալ ծախեր, տակեն չէր ելլեր։
 +
 +
Վեցերորդը ութ տարվա գործազուրկ էր ու կպատրաստվեր Հարավային Ամերիկա մեկնել՝ թողնելով իր մանկամարդ կինը, որն ի դեպ ներկա էր հոն ու որուն նայելով՝ անընդհատ կհառաչեր հեռացողը։
 +
 +
Յոթերորդը, որ կաթնատնտես էր՝ սատկեր էր ամենալավ կովը․․․
 +
 +
Խե՜ղճ տանտերեր, ըսի մտովին, ինչքան գինի հոսցնելու ես, անոնց դեմքին ժպիտ մը փայլեցնելու համար։
 +
 +
⁕ Կոմունիստ ճարտարապետ Մազմանյանը, կքննադատե անկուսակցական մասնագետներուն այն բանում, որ անոնց շինած տան դուռներեն մեռելի դագաղ չի գա դուրս՝ հետևաբար «պրոլետարական» չէ շինվածքին ոճը։
 +
 +
Զարմանք։ Մի՞թե սոցիալիստական արքայության մեջ ալ մարդիկ պիտի շարունակեն մեռնիլ․․․
 +
 +
⁕ Ժողկոմխորհի նախագահ Գաբրիելյանը Մոսկվայեն վերադարձավ։
 +
 +
<b>Չորեքշաբթի 13.</b> ― Փարիզին մեջ, կըսեն, տիկին մը, իր նոր շրջազգեստը հագնելով, դերձակի խանութեն արագ իր տունը կվազեր։ Ու «ինչո՞ւ կվազես» հարցումին պատասխանած է՝ «տուն հասնեմ, քանի մոդան չէ փոխվեր»։
 +
 +
Կոմկուսակցության որոշումներն ալ ասանք վազելու պետք ունին, ինչու որ՝ դեռ տուն չհասած կփոխվեն կես ճամբին։
 +
 +
Ոմն Դեդուշկայի արձանը կկոփեին սա շաբաթ մըն էր, այսօր, երբ հասավ իր ավարտին ու արձանին գլուխը պիտի հաստատեին պատվանդանին վրա՝ որոշումը փոխվեցավ ու կուսակցությունը գտավ, որ Դեդուշկան արժանի չէ հավերժանալու․․․
 +
 +
Ու այսպես՝ հարյուրեն 99֊ը։
 +
 +
⁕ Կառավարական կարգադրություն։ Քրիստոսի ծննդյան օրը չպիտի տոնվե ու փոխարենը հանգստի օր կհայտարարվե Լենինի մահվան երկրորդ օրը։
 +
 +
Համաձայն եմ։ Կուզեի երեք օրով տոնվեր Լենինի մահը․․․ որ չկենդանանար։
 +
 +
<b>Հինգշաբթի 14.</b> ― Զինվոր կոմունիստ մը կհահտարարե թերթին մեջ, որ տակավին ոջիլը չի վերացված զորանոցներուն, իսկ Լենինն ըսեր է՝ «ոջիլը սոցիալիզմի թշնամին է»։
 +
 +
Միա՞ն ոջիլը։
 +
 +
Եթե լուն և թախտաբիթին բարեկամ են այդ վարդապետությանը՝ սոցիալիզմը կիրականանա՞։
 +
 +
Միայն ոջիլը անկարող է խանգարել։
 +
 +
⁕ Կխոսվի, որ Դեդուշկայի մինչև գլուխ շինված արձանին վրա Օրջոնիկիձեի գլուխը պիտի դնեն։
 +
 +
Ահա ձեզի կոմունիստական կենտավրոս մը, որուն մարմինը Դեդուշկա է՝ գլուխը Օրջոնիկիձե։
 +
 +
Տեսեր եմ միևնույն ծառին վրա դամոն ու սալոր պատվաստված։
 +
 +
Ավելի էկոնոմիկ չէ՞ր ըլլա, եթե Օրջոնիկիձեի գլխին վրա ալ մեկ ականջը Ստալինեն, մեկալը Կալինինեն կպցնեին, որով պատվանդանի մը վրա անմահացած կըլլային չորսը։
 +
 +
Փա՜ռք քեզ աղքատություն։
 +
 +
Եթե մեր պետությունը հարուստ ըլլար, մայրաքաղաքիս փողոցները անանցելի պիտի դառնային արձաններու բազմութենեն։
 +
 +
Վասնզի կոմունիստ մը, եթե այբուբենը ավարտեր է մինչև «քեն», անմահության է թեկնածում․․․
 +
 +
<b>Ուրբաթ 15.</b> ― Կուսակցական համագումար է թատրոնի շենքին մեջ, ու տանը մարդ չկա։ Կուսակցականները, պորտֆելներու մեջ թուղթերը սեղմած, անանկ մը կերթան, ըսես փորհարները պետքարանը կվազեն․․․
 +
 +
Այս օրերին ինչ խնդրով ալ իրենց դիմելու ըլլաս՝ «համագումարեն ետքը» կըսեն, առանց նայելու, թե ո՞վ է խոսողը և ի՞նչ է խնդրածը։
 +
 +
«Ստուգիչ թվերը» գրկած սոցիալիզմ «կառուցելու» կերթան թատրոնին մեջ։
 +
 +
․․․Իրոք որ թատրոն։
 +
 +
Միայն ինչո՞ւ այսքան երկար կամ ե՞րբ պիտի իջնե վարագույրը վերջապես սա անհամ, ձանձրալի ու սպանիչ ներկայացումին։
 +
 +
Դերասան մը, քարերեն ըլլալու է, ամբողջ տասը տարի ժողովրդյան սուլոցին տակ խաղալուն համար․․․
 +
 +
⁕ Երեկ Սահակ անունով ոճրագործ մը փողոցին մեջ երկու մարդ սպանելեն ու երեքը վիրավորելեն ետքը, երբ կձերբակալվե, նախնական հարցաքննության համար կեցեր է սա երկու օր ու բառ մըն իսկ չի գտներ ինքզինքը արդարացնելու։
 +
 +
Հիմա՜ր։ Ըսե սոցիալիզմ կկառուցեի՝ լմննա երթա․․․
 +
 +
<b>Շաբաթ 16.</b> ― Կինս սաստիկ կմտահոգվե, թե մեր մեծ տղան ինչո՞ւ չի խոսեր։
 +
 +
― Կնիկ, ― կըսեմ, ― մարդս պիտի խոսելիք ունենա՞, որ խոսե՝ թե ոչ։ Գուցե մեր տղան կհետևե Սողոմոնին այն խրատին թե՝ «ավելի աղեկ է բնավ չխոսել, քան հիմար ինչ խոսել»։
 +
 +
― Մինչև ե՞րբ, ― կհարցնե կինս։
 +
 +
― Դիցուկ մինչև կյանքին վերջը։ Մեր տղան խոմ Հայկ Ազատյա՞նը չէ, որ աշխարհիս բոլոր բաներու մասին ըսելիք մը ունենա լեզվին տակ պատրաստ ու կոճակին սղմումին սպասե՝ զանոնք դուրս զեղելու համար։
 +
 +
Փա՜ռք քեզ Աստված։ Ի՜նչ տեսակ մարդիկ ես ստեղծեր։
 +
 +
․․․Ազատյան ստեղծելով՝ երևի ստանդարտիզացիա՞ ես ուզեցեր մտցնել ստեղծագործությանդ մեջ, տե՜ր։
 +
 +
<b>Կիրակի 17.</b> ― Հետաքրքիր պարագա մը։ Կուս․ համագումարին մեջ հանքագործ բանվոր մը կուսակցապետ Հայկազ Կոստանյանին բանվորական զգեստ կնվիրե ու զայն «պատվավոր հանքագործ» կհորջորջե։
 +
 +
Հարց։
 +
 +
Կնշանակե իրենք՝ այդ բանվորները «անպատի՞վ» բանվորներ են։
 +
 +
Հետո։
 +
 +
Տասներկու տարեկան պիոներ մը, բեմը ելնելով՝  նույն Կոստանյանին վզին կարմիր փողկապ կապելով, «պատվավոր պիոներ» կանվանե։
 +
 +
Լա՜վ, կնշանակե օր մըն ալ առյուծներու համագումարին մեջ, ավանակ մը կրնա ներկայանալ ու համետ մը դնելով «կենդանյոց թագավորին» կռնակին զայն «պատվավոր ավանա՜կ» հայտարարել։
 +
 +
Մանկությունը քաղաքականապես խակություն կնշանակե։ Խակին «պատվավորն», «ամպատի՞վն» ինչ պիտի ըլլա։
 +
 +
Սոցիալ ցերեմոնիաներ․․․
 +
 +
⁕ Եթե ապագային պզտիկ որդիս բոլշևիկ դառնա՝ իր կուսակցական ստաժը այսօրվնե պիտի հաշվել։ Անիկա, որ նոր է սկսեր իրերը բռնել, երեկ կոտրեց թեյի պնակը մը։
 +
 +
Եթե «շինարարության» իր թափը այսպես շարունակե, ապագային, որպես կառուցող ճարտարապետ, խոշոր գործարանի մը վարիչի պաշտոնը ապահոված է արդեն։
 +
 +
>b>Երկուշաբթի 18.</b> ― «Եկող ամսի վեցին Ղարաքիլիսեի մեջ տեղի է ունենալու կույրերու համագումար»՝ կգրե «Խորհրդային Հայաստաին» լուրերու բաժինը։
 +
 +
Կուզեի գիտնալ։
 +
 +
Բոլշևիկյան կուսակցությունը ին կորպորե պիտի մասնակցե՞ այդ համագումարին։
 +
 +
Վասնզի աշխարհիս երեսին դեռ ծնված չէ կույր մը, որ չտեսնի, թե ինչպես «սոցիալիստական» այս ընթացքը երկիրը արագ քայլերով դեպի կործանումը կտանե։
 +
 +
⁕ Օրերս կազմակերպված հայ աշուղներու համերգին ցենզորը արգելեր է «Ձախորդ օրեր» երգելը։
 +
 +
Ասոր ռուսերեն կըսեն՝ «на воре шапка горит»։
 +
 +
<b>Երեքշաբթի 19.</b> ― Բժշկիս նախասենյակին մեջ հերթի էի նստած, միաժամանակ ականջներովս հետևելով խոսակցությանը, որ տեղի կունենար անցորդներու և վարի մանրավաճառին մինջև, որու անունը, ինչպես լսեցի Պողոս էր, եթե «ջանը» անդին նետենք։
 +
 +
― Պողո՛ս ջան, ձվերդ ողջը լակ դուրս եկան։
 +
 +
― Հա՞։ Էսօր նոր ձվեր եմ ստացեր։
 +
 +
― Ձու պետք չէ, բայց․․․ ինձ կրճատեցին գիտե՞ս․․․ Տղա՛, ի՞նչ է քո կարծիքը, ասոնք երկա՞ր կդիմանան։
 +
 +
― Անհոգ կա՜ց, Սերո՛բ ջան։ Հացը Խարկովին մեջ քարտով կուտան արդեն։ Այն սովը, որ ցարին տապալեց, կտապալե նաև սա ցարերուն։
 +
 +
― Յա՜ Աստված։
 +
 +
Սերոբը կերթա։
 +
 +
― Պողո՛ս ջան, կաղամբ ունի՞ս։
 +
 +
― Ամենապատվական կաղամբը։ Ինչքա՞ն կուզես։
 +
 +
― Հետս աման չունիմ, երթան Գրիգորին ղրկեմ, փութ մը տուր՝ բերե․․․ Իմացա՞ր, որ երեսուն հազար «նալոգ» է եկեր վրաս․․․ Պողոս, դուն խելոք մարդ ես, ասանք դեռ ինչքա՞ն ժամանակ մեր հոգին պիտի հանեն։
 +
 +
― Դարդ մի՛ ընե, Գևո՛րգ ջան, կանցնի՛։ Աս գիշեր երեսուն տրոցկիստ են բռնած։
 +
 +
― Աստված ձայնդ լսեր․․․
 +
 +
Գևորգը կերթա ու Պողոսը «Ձախորդ օրերը» կդնդնա քթին տակ։
 +
 +
― Լևո՛ն, ո՞ւր, ― կձայնե Պողոսը՝ այս անգամ ինքը կտրելով երգը։
 +
 +
― Միլիցատուն՝ տուգանք տալու, թե ինչու անցյալ գիշերը քամին մարեր է փողոցի լամպը ու ես կես գիշերին չեմ ելեր վառեր։ Ո՜ւհ, աս տեղս է հասեր, Պողո՛ս (չիմացա, որ տեղը, վասնզի չէի տեսներ)։
 +
 +
― Կանցնե՜, Լևո՛ն ջան, մի՛ մտածե։
 +
 +
― Կանցնե, բայց․․․ իսկապես, Պողո՛ս, ի՞նչ կա֊չկա։
 +
 +
― Ցեցը մեջնին է ընկեր, երկար չի տևի։
 +
 +
― Մեռանք, մեռանք, ալ ճար չկա։
 +
 +
Լևոնն ալ գնաց։
 +
 +
― Պողո՛ս, երեք աստղանի կոնյակ մը տուր։
 +
 +
― Համեցեք, ― ըսավ Պողոսը, և մարդը իր ճամբան շարունակեց՝ առանց իշխանությամբ հետաքրքրվելու։
 +
 +
Զարմանքս բռնեց։ Ինչ մարդ է սա, մտածեցի, որին ոչ պաշտոնե են հաներ, ոչ երեսուն հազար նալոգ է եկեր վրան, ոչ ալ քամին լամպն է փչեր։ Ի՞նչ դասի ու դասակարգի կպատկանե սա երջանիկ էակը, որուն իշխանությունը ոչ մեկ տեղը չի սղմեր։ Լուսնե՞ն կուգա, ինչ է։
 +
 +
Չդիմանալով՝ պատուհանը բացի ու հարցուցի․
 +
 +
― Ներեցեք, ընկե՛ր Պողոս, ո՞վ էր սա անցնողը։
 +
 +
― Կոմունիստ էր, ― ըսավ։
 +
 +
<b>Չորեքշաբթի 20.</b> ― Եթե Սիմոն Հակոբյանը իր կյանքը ապահովագրած ըլլար որևէ ընկերության, պիտի երթայի ու ողջ գումարը պահանջեի։ Վասնզի անիկա իբրև մարդ մեռավ։
 +
 +
Հետո։
 +
 +
Շատ անգամ կարևոր մարդը մեռնելուս կըսեն․
 +
 +
― Այսինչը մեռավ, բայց անոր հոգին կենդանի է։
 +
 +
Արդ, եթե տիար Սիմոն Հակոբյանը կհամառե տակավին ու չի ուզեր մեռնիլ, ան ատեն, թույլ տվեք գործածել սա բանաձևը․ «Սիմոն Հակոբյանը թեև կենդանի է, բայց անոր բարոյականը մեռած է․․․»
 +
 +
⁕ Միլիցատուն մտա ու պետին բան մը առաջարկեցի։ Պետը բարկացավ վրաս։
 +
 +
Բանեն դուրս կուգա, որ «առաջարկները» «հրամայելու» իմաստի է հասեր ու վերադաս մարմինը միայն իրավունք ունի ստորադասին առաջարկելու։
 +
 +
Ինչո՞ւ․ վասնզի հավասարությո՜ւն է արդեն ու հավասար մարդոց համար անհարմար է «հրամայելը»։
 +
 +
․․․Ու որպեսզի քանի մը զույգ մարդիկ զիրար «չհրամայեն», կստիպեսն, որ ողջ ժողովուրդը «խնդրե» իրենց։
 +
 +
Ահա ձեզի ժողովրդավարություն։
 +
 +
<b>Հինգշաբթի 21</b> ― Առավոտը կինս, սևացած ատամներս տեսնելով, սկսավ հանդիմանել․
 +
 +
― Ա՜յ մարդ, չե՞ս ամչնար ատ ատամներովդ դուրսը կխնդաս մարդոց առաջ։ Չվերցնես պտղունց մը աղ ու մաքրես։
 +
 +
― Երանելի՜ կնիկ։ Դուն ալ կարծեր ես, թե մենք դուրսը կխնդանք․․․
 +
 +
Ու երբ հանգամանորեն բացատրեցի, որ այս ռեժիմին մեջ մարդիկ չեն խնդար, համոզվեց․
 +
 +
― Լավ, ան ատեն՝ ազատությունը։
 +
 +
― Օ՜, անուշիկ կնիկ, ազատության նախօրեին դուն ատամներս կազմ ու պատրաստ շարված կտեսնես՝ խնդալու համար․․․
 +
 +
⁕ Ինչպե՜ս իսկույն կփոխեն մեզ մոտ մարդիկ իրենց սկզբունքները։
 +
 +
Երեկո դաշնակ կպառկեն՝ առտու բոլշևիկ կզարթեն։
 +
 +
․․․Տխմա՜ր պետություն, եկեր Երևանի թա՜ց, ջուրի չափ խոնավ տունե՞ր կապահովագրես հրդեհին դեմ։ Տուներ, որոց վառելու համար պետք է քանի մը ամիս փուռը չորցնել։
 +
 +
Մարդոց սկզբունքները ապահովագրե, որ գեթ մեկը երկու օր միևնույն սկզբունքով ծառայե․․․
 +
 +
<b>Ուրբաթ 22.</b> Խորհուրդներու ընտրության առթիվ, կոլեկտիվ մը կառաջարկե Գավգործկոմին կազմել մեռելներ թաղող կոմիտե մը, որը իր վրա վերցնելով թաղման գլխացավանքները, դյուրություն տա աշխատավորությանը մեռնելու։
 +
 +
Հանճարեղ միտք։
 +
 +
Այս երկրին մեջ նման կոմիտե մը ավելի անհրաժեշտ ապարատ մը չի կրնար ըլլալ։ Երկիր մը, ուր ապրելու բոլոր ճամբաները գոցված են՝ գեթ մահը պետք է դյուրին ըլլա։
 +
 +
Ու ես կոմիտեին հաջողությանը չեմ կասկածեր։
 +
 +
Պետություն մը, որ գիտե սպանել՝ պիտի գիտնա նաև թաղել իր ժողովուրդը․․․
 +
 +
⁕ Գարուն է արդեն։
 +
 +
«Ձմեռը գնաց, բայց «ձախորդ օրերը» կմնան։
 +
 +
<b>Շաբաթ 23.</b> ― Եթե իրավ է, որ բանվորական դիկտատուրա է, որ իշխանությունը, գործարանը, բոլորը բանվորին կպատկանե, ինչո՞ւ չեն ձգեր, որ բանվորը քանի ժամ ուզե՝ այնքան աշխատե, ուզե աշխատե՝ չուզե չաշխատե։ Ինչո՞ւ կպատժեն իրեն, երբ քիչ մը ազատ շարժե։
 +
 +
Ա՜, տեսա՞ք ինչպես իշխանությունը բանվորին չի պատկաներ․․․
 +
 +
⁕ Տեր Վրդանեսին հետ երեկ երեկո խոսակցելով տուն կերթայինք։ Հարյուր տոկոսով քահանա՝ մորուքը տեղը, Ամենակարողը երկնքին մեջ բազմած։
 +
 +
Այս առտու տեսա նույն քահանային միրուքը խուզած, աշխարհականացած, տունեն դուրս կելնե։
 +
 +
― Տերտեր, ի՞նչ եղավ քո երեկի Աստվածը, ― ըսի զաարմանքս պահել չկրնալով։
 +
 +
― Ասոնց հալածանաց Աստվա՞ծ կդիմանա։ Կնկաս ծառայութենեն արձակեցին, աղջիկներուս դպրոցեն հանեցին։ Ու այդ բոլորը երկու մազ միրուքիս համար։ Չուզեցինք ախպար։ Թող կորսվի՛ այդ փունջ մազը, որ կեցած սա չոճուխներու ճամբուն՝ չի թողուր, որ դեպ սոցիալիզմ երթան․․․
 +
 +
― Անանկե նե, բարև ձեզ, ընկե՛ր Վրթանես։
 +
 +
― Աստծու բարին, բարեկա՛մս․․․ ի՞նչ ընենք։
 +
 +
Գնաց։
 +
 +
Տեսա՞ր, Աստվա՛ծ։ Եթե տեր Վրթանեսին կնկան համար պաշտոն մը ճարեիր ու աղջիկներուն համար դպրոց՝ գոյությունդ պիտի շարունակեիր։
 +
 +
Իսկ հիմա՝ չկա՜ս։
 +
 +
Առ քեզի։
 +
 +
<b>Կիրակի 24</b> ― Սա երեք ամիս է քաղաքիս հացերը չեն ուտվեր։ Ծախվող հացերու մեջ եթե ալյուր ալ խառնված ըլլար, պիտի հայտարարեի՝ մայրաքաղաքիս հացերու մեջ ամեն բան կա․․․
 +
 +
⁕ Ի՞նչ ընեմ, ջանըմ, սա երկու պզտիկներս իրարու միս կուտեն՝ պզտիկ բանի մը համար։
 +
 +
Վա՜յ, իմ ձիու պոչեն մազ քաշեց, վա՜յ, ականջին մեջ ձող տնկեց՝ ու ծեծ, քաշկռտուկ, լաց, աղաղակ։
 +
 +
― Օ՜ֆ, ե՞րբ վերջապես սա սոցիալիզմը կիրականանա՝ պրծնինք։ Ի՞նչ է սա սեփականության երեսեն քաշածնիս, ― կըսե կինս երբեմն սրտնեղած։
 +
 +
― Կնիկ, ― կըսեմ ես, ― չեմ երևակայեր դարաշրջան մը, երբ մեր Աշոտը թող տա, որ մարդկությունը իր փայտե ձիուն դպնա։ Այդ կարելի էր միայն այն ժամանակ, եթե այս անառակները հղանալիս ոչ թե արու և էգ ձվիկներ իրարու հանդիպեցին․․․ այլ Մարքսի և Էնգելսի գաղափարները։
 +
 +
<b>Երկուշաբթի 25.</b> ― Եթե վիճակվեր ինձի օր մը խորհրդային տպարանի մը վարիչ ըլլալ, անանկ ռեֆորմներ կմտցնեի գրաշարական արհեստին մեջ, որ «Խորհրդային Հայաստանին» տպագրությունը իննսունինը տոկոսով աժան նստեր խմբագրությանը վրա։
 +
 +
Ի՞նչ պետք կա տպված հոդվածի մեջ շարվածքը ցրել ու վաղը նորեն նույն բանը տարբեր վերնագրի մը տակ շարել։
 +
 +
Ողջ թերթը արդեն կբաղկանա քանի մը նախադասություներե՝ առաջ կամ ետև շարված։ Այդ հինգ֊վեց ընթացիկ նախադասությունները միշտ շարված պատրաստ ունենալով, պետք է նայել որմնադրի մը նման պատի վրա նստած պատասխանատու խմբագրին։
 +
 +
― Կրակ՝ դեպի աջ վտանգ, ― պոռացած ատեն՝
 +
 +
― Համեցեք, ― ըսելու է գրաշարը վարեն։
 +
 +
― Տուր «կրակ» մըն ալ դեպի «դեպի ձախ տրոցկիստական վտանգ», ― ըսե նե՝
 +
 +
― Ա՛ռ, վարպե՛տ ջան։
 +
 +
― «Մենք կառուցեր ենք սոցիալիզմ, կկառուցենք ու պիտի կառուցենք»։
 +
 +
― Ա՛ռ։
 +
 +
Արդեն պատրաստ է թերթին մեկ սյունակը։ Կրկնե նույնը երեսուներկու անգամ՝ ու թերթը պատրաստ է տպարանեն դուրս գալու։
 +
 +
Պարզապես ստանդարտիզացիա։
 +
 +
⁕ 83 տարեկան մայրս նստեր է դեմս ու ծանր կխոկա։
 +
 +
― Ի՞նչ կմտածես, մա՛, ― կըսեմ։
 +
 +
― Ա՜խ, որդի՛, կմտածեմ, թե ինչպե՞ս պիտի մեռնիմ։
 +
 +
― Վե՛ր, գործիդ կեցիր, մա՛, ― կտրեցի, ― մեր ինչպես մեռնելու մասին մտածողներ կան, մտածե մեր ապրելուն վրա, որու մասին մտածող չկա․․․
 +
 +
<b>Երեքշաբթի 26.</b> ― Պետությունը սպիտակ հաց պիտի բաց թողու հիվանդներուն։
 +
 +
Պետություն մը, որ միայն աղքատություն ու հիվանդություն կքաջալերե, ինչքա՜ն սրտին մեջ ուրախ պիտի ըլլա մեռնողներու համար․․․
 +
 +
Սա խնդրյուն քաղաքական կողմը։
 +
 +
Գալով տնտեսականին՝ հազիվ թե իր խոստումը ի կատար ածե։ Վասնզի առողջներուն կերակրելով այսպես սևով՝ կարճ միջոցի մը մեջ բոլորն ալ ճերմակ հացի թեկնածուներ դառնան պիտի։
 +
 +
Ուրեմն ճերմակին հասնելու համար ինչո՞ւ սևին ճամբան բռնել։
 +
 +
Չկա՞ ավելի կարճ ուղի։
 +
 +
⁕ Ես սխալվեցա անցյալներ ձմեռվա հեռանալն ազդարարելով։ Այսօր հանկարծ վերադարձավ։
 +
 +
Երևի բան էր մոռցեր․․․
 +
 +
<b> Չորեքշաբթի 27.</b> ― Ժամանակ մը բոլշևիկները ինքզինքնին դաշնակցության հետ համեմատելով, միակ առավելությունը այն կցուցունեին, որ իրենք առանց հերթի հաց կուտան ժողովրդին։
 +
 +
Ա՞յժմ ինչով պիտի պարծենան, երբ հացի հերթերը եթե տնկենք, մինչև երկինք կհասնե։
 +
 +
Հերթերը այս ընթացքով զարգանալու ըլլան նե, Կարսի ու Սուրմալուի խնդիրը ակամա հրապարակ պիտի գա, վասնզի սա հերթերը ինչքան ալ կծիկի նման իրար վրա փաթթես, նորեն մեր պզտիկ երկիրը չի վերցներ։
 +
 +
Սա դեռ միայն հացի հերթը։
 +
 +
Բա պանիրի՞ն, բա յուղի՞ն, մանուֆակտուրայի՞ն (մանավանդ), բրինձի՞ն։
 +
 +
Ես կըսեմ․
 +
 +
Եթե մարդկությունը ճառով ապրելու ըլլար, երկրագնդի ամենաերջանիկները մենք պիտի ըլլայինք, վասնզի ճառի ու «բանաձևի» մեջ շշկլեր ենք։
 +
 +
<b>Հինգշաբթի 28.</b> ― Այսօրվնե խորհուրդներու «ընտրության» կատագերգությունը կսկսե։
 +
 +
Նախնի բռնավորներուն ու միպետներուն Աստվածը վերեն կկախեր մեր գլխուն, որ կառավարեին։
 +
 +
Ան ատենները այդ երևույթը կորակեինք իբրև անլուր բռնություն՝ հանդեպ մարդկային սրբազան իրավունքի։
 +
 +
Սակայն, ո՜վ կերեվակայեր, որ պիտի գա ժամանակ մը, երբ մարդիկ իրենք պիտի «ընտրեն» իրենց բռնավորները։
 +
 +
Ցարը մեզի կապտակեր իր ձեռներովը ու մենք կբողոքեինք։
 +
 +
Ի՞նչ պիտի ընենք հիմա, երբ մեզի կստիպեն ապտակել մեզի մեր իսկ ձեռներով․․․
 +
 +
Ուրիշ կերպ անկարող եմ որակել «ընտրություն» մը, որ կոմիտեն կընտրե ու ժողովրդյան բռնի կքաշե մատ բարձրացնելու։
 +
 +
․․․Երանի՜ անոր այս երկրին մեջ, որում մատը կտրված է կամ բազուկը գոսացած։
 +
 +
Անոնք ենք միակ «մարդը»;
 +
 +
⁕ Աչքերս կխաղան, մա՞րդ պիտի գա մեր տուն։
 +
 +
<b>Ուրբաթ 29.</b> ― Առտուն տնքտնքալով ներս մտավ նորքեցի Աբրահամը ու ստիպեց, որ թուղթ ու գրիչ պատրաստեմ խնդրագիր մը գրելու։
 +
 +
Պատրաստեցի։
 +
 +
― Ի՞նչ գրեմ, Աբրամ ցիձա։
 +
 +
― Ծո՛, աղբար, երկու տարի առաջ սատկած իշու համար սա երկրորդ տարին է հարկաթուղթ կուգա։ Ի՞նչ բան է սա, մեռնողներն ալ չեն ազատվեր այս երկրին մեջ․․․
 +
 +
― Ա՜, ― ըսի՝ գրիչս վար դնելով։ ― Այո՛, այն բոլոր կենդանիները, որք եկամուտ կուտան պետությանը՝ իրավունք չունին ինքնակամ մեռնիլ։ Վասնզի սա պետություն է չէ՞, ունի բյուջե, «հնգամյա պլան», խոմ չի՞ կարելի, որևէ իշու մը պատճառով հաշիվը խառնել։
 +
 +
― Հարկի դիմաց գրեր են միակ կարպետս, որ ծապեն․․․
 +
 +
― Ինչքան շուտ ընչազուրկ դառնաս, այնքան լավ։ Առակը կըսե․ «այսօրվան գործը վաղվան ձգելու չե»․․․
 +
 +
Չէ՛, աղքատությունը քաջալերելու համար մեր կառավարությանը մնացեր է մեկ բան միայն՝ խոշոր մրցանակ նշանակել անոր, ով կկարողանա կարճ ժամանակվա մեջ, մինչև վերջին թել աղքատանալ․․․
 +
 +
<b>Շաբաթ 30.</b> ― Պետական օճառի գործարանի երկու բանվորներ, որոց պաշտոնն էր ձեթի եռացող կաթսան հսկել, առջի օր 5֊ական ամսի թիապարտության  դատապարտվեցան դատարանին կողմեն՝ պարտականության ժամին քնած ըլլալուն համար։
 +
 +
․․․Դատարանին մեջ օրենքե հասկացող չի եղեր։
 +
 +
Ես եթե ներկա ըլլայի, մատնանշելով բանվորներեն միույն մի ականի ըլլալը՝ ըսեի պիտի․․․
 +
 +
― Երկրի մը մեջ, եթե հարկատվությունը, կոոպերատիվ գրքույկներու արժեքը և առհասարակ ամեն բան համեմատական է (շատին՝ շատ, քչին՝ քիչ), ի՞նչ իրավունքով մեկ աչքով քնողի մը երկու անգամ ավելի հանցավոր է․․․
 +
 +
⁕ Հացի ու ջուրի «պոչերը» իրարու հետ կմրցեն և յուրաքանչյուրը անոնցմե ռեկորդ կուզե խփել իր երկարությամբ։
 +
 +
Միակ բանը, որ կարելի է առանց «պոչ» կենալու ձեռք բերել՝ օդն է, հիմակու֊հիմա կարելի է առատ շնչել։
 +
 +
Իսկ եթե ասոնց «շինարարությունը» այս թափով ընթանա, չեմ կասկածեր, որ օդն ալ նորմայի տակ իյնա․․․
 +
 +
<b> Երկուշաբթի 2.</b> ― Ես հաշված եմ, որ եթե սա ռեժիմը փոխվե, մարդիկ մեկ ժամվա ճանապարհը կես ժամեն պիտի կտրեն։
 +
 +
Ավանակի բեռի մը չափ փաստաթուղթեր կան, որ պիտի կրես վրադ։
 +
 +
Տասներկու տոնազանե անդորրագիր, որ պահանջած ատեն ցուցունես՝ նորեն չգանձելու համար։
 +
 +
Անդորրագիր մը, որով հարկային «դեկլարացիա» ես տվեր, պետական փոխառության անդորրագիր, անդորրագիր, որ տունդ ապահովագրեր ես հրդեհին դեմ, անդորրագիր այծիդ ապահովագրությունը ապացուցող, անդորրագիր, որ գլխահարկ ես վճարեր։
 +
 +
Ապա գրքույկ մը՝ հացի համար, գրքուկ մը՝ պանիրի ու շաքարի համար (եթե ճարվի), անկե վերջ պրոֆմիության գրքույկ, պաշտոնիդ հաշվեգրքույկ, աշխատավորական գրքույկ, անձնական ապահովագրական գրքույկ, երեխայիդ նպաստի գրքույկ, մոպի, պաջավիոքիմի, խնայողական արկղերի, պետական ա և բ միությանց գրքույկներ՝ թվով տաս, հինգն ալ մոռցա՝ տասնհինգ գրքույկ։
 +
 +
Հա՛, անկե վերջ ստաժիդ թուղթերը՝ 1921֊ին ի՞նչ գործի ես եղեր, 22֊ին՝ ի՞նչ, 23֊ին՝ ի՞նչ։ Ինչո՞ւ ես դուրս եկեր, ինչո՞ւ ես մտեր։ Ո՞ւր էիր այսինչ թվին, ինչո՞վ կզբաղեիր այնինչ թվին։ Ու եթե, տեր մի արասցե, անգործ ես եղեր՝ որևէ թուղթ մը աշխատանքի բորսայեն «առ այն», որ դու գրված ես իր մատյանին մեջ։ Թուղթ մըն ալ սոցիալական ապահովագրական գանձարկղեն, որ դու նպաստ ես ստացեր։ Իսկ եթե հիվա՜նդ ես եղեր, ալ պրծավ, աշխարհիս բոլոր փաստաթուղթերը գրպանդ թխմած պիտի քալես․․․
 +
 +
Այս ընթացքով, պիտի գա ժամանակը, երբ ամեն խորհրդային քաղաքացի ձեռնասայլ մը բռնած, իր փաստաթղթերը պիտի քաշե սա թութղի ու ճառի պետության մեջ․․․
 +
 +
⁕ Մյուզիքը մահերգ կնվագե փողոցին մեջ։ «Խե՜ղճ՝ կըսե կինս հանգուցյալին, իսկ ես կնկատեմ․
 +
 +
― Եթե երբեք մեռնողները «խեղճ» են, հիսուն տոկոս մըն ալ մենք ենք «խեղճ», վասնզի, ճիշտ է, թեև չենք մեռներ, բայց չենք ալ ապրեր։
 +
 +
Ուրեմն, հանգուցյալը մեզմե ընդամենը հիսուն տոկոսով է ավելի «խեղճ»։
 +
 +
Անիկա  հայրուր տոկոսով է մեռեր։
 +
 +
<b>Երեքշաբթի 3.</b> ― Եթե ինձի հարցվի, թե ո՞ր տեղը աշխարհիս երեսին ամենեն աժանը կապրվի՝ հոս, խորհրդային երկրին մեջ, պիտի պատասխանեմ․ «Ուզես ալ դրամ չես կրնար ծախսել, վասնզի ապրանք գոյություն չունի․․․»
 +
 +
⁕ Երկրորդ դեղատան ծառայող Վասիլը, թույն խմելով, ինքզինքը գետն է նետեր՝ «շտապ մեռնելու համար։
 +
 +
Բայց որովհետև այս երկրին մեջ շտապ որևէ բան չի կատարվեր, այդ պատճառով բռներ են խեղդվողին ու հիվանդանոց տարեր։
 +
 +
Կիմացվի, վերջեն, որ ինքնասպանության պատճառը լեզվի թլպատությունն է եղեր։
 +
 +
Խե՜ղճ մարդ։ Նախկին ռեժիմին, երբ լեզվի կարիք կար, ինքզինքը չխեղդեց, հիմա, երբ լեզու ունեցողներն են համրացեր, անթերի լեզու կփնտրե․․․
 +
 +
⁕ Երեկ կոոպերատիվին մեջ, հղի կին մը սպիտակեղեն առնելու ատեն՝ սեղմումեն․․․ ծներ է։
 +
 +
Եթե երեխան իմս ըլլար՝ անունը «Վերելք» պիտի դնեի․․․
 +
 +
<b>Չորեքշաբթի 4.</b> ― Ցուցադրական դատ։ Իջևանին մեջ կդատվի խորհրդային պաշտոնյա մը՝ «բյուրոկրատիզմի» համար։
 +
 +
«Արտակարգ» դատարան, զարհուրելի կազմ, «Հանուն Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության» քստմնեցուցիչ մեղադրական հոդվածներ․․․
 +
 +
― Վա՜խ, խե՜ղճ մարդ, ― կըսես մտքիդ մեջ, ― գնդակահարվեցավ։
 +
 +
Բայց ի՞նչ։
 +
 +
«Անել խիստ նկատողություն և այդ հրատարակել թերթին մեջ մեղադրյալի ծախքո՜վ»․․․
 +
 +
Կախաղան կարժասե թելով։
 +
 +
Այդպես խոմ Նունիկս ամե՜ն օր կկախե պուպրիկները․․․
 +
 +
⁕ Սրբագրիչ կարգվեցա «Խորհրդային Հայաստան» թերթին։
 +
 +
Ավելի անմիտ գործ քան այս, անհնար է երևակայել։
 +
 +
Դիցուկ, քեզի կարգեր են գերեզմանատանը կից՝ մեռած մարդկանց գլուխեն ոջիլ հավաքել։
 +
 +
Չնայած մահվանեն մինչև թաղվելը քսան չորս ժամ կտևե։
 +
 +
Իսկ այսօր օրաթերթին տպվելեն մինչև պետքարանը՝ հազիվ չորս ժամ տևե․․․
 +
 +
<b>Հինգշաբթի 5.</b> ― Կոմկուսակցությունը իրենց Կեդրոնական դպրոցի տեսուչին չորս հարյուր լավ կոմունիստի պատվեր էր տվեր՝ կուսակցության շարքերը անցունելու համար։ Քննիչ հանձնաժողովը, ստուգելով ապրանքը, գտեր է, որ վաթսունը «լավ կոմունիստ» չեն ու ետ է դարձուցեր։ Դպրոցին տեսուչը կառաջարկե, այդ վաթսուն խոտանը՝ երկուսը մեկ հաշված, երեսունի մուտք գրե։ Կոմիտեն չի ընդուներ, ու այսպես կագ ու կռիվ։
 +
 +
․․․Բայց կոմիտեն զուր չի ընդուներ՝ պայմանը ձեռնտու է։ Ձու ծախողներն ալ երկու կոտրածը մեկ ողջի հաշվով կվաճառեն։
 +
 +
⁕ Փողոցեն անցածս ժամանակ նկատեցի վաթսուն տարեկան ծերունի մը ուրախ կխնդար։
 +
 +
Այս տարօրինակ երևույթին պատճառը երբ ուզեցա գիտնալ, երևաց, որ հարբած է։
 +
 +
․․․Հետաքրքիր է՝ քանի դույլ գինիով կրցեր էր մոռնալ այս ռեժիմը։
 +
 +
<b>Ուրբաթ 6.</b> ― Եթե ինձի հարցվի, թե աշխարհի ամենամեծ սուտն ո՞վ ըսավ՝
 +
 +
― Բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, ― պիտի պատասխանեմ։
 +
 +
Հոդված մըն է զետեղեր թերթին մեջ, որի մեջ կըսե, թե ուսուցիչները իրենց մտավոր պաշարը «Խորհրդային Հայաստան» թերթեն կքաղեն․․․
 +
 +
Նման սուտի մը համար, եթե ինձի ոչ թե ամսական 120, այլ 1020 ռուբլի ալ վճարելու ըլլային, չպիտի կրնայի ըսել։
 +
 +
Նախ և առաջ, այդ սուտն զուրցելու համար, առնվազն Իսահակյանի տաղանդն ունենալու է մեկը։
 +
 +
⁕ Կոոպերատիվին «պոչերը» եթե հնարքով մը քաղաքեն դուրս երկարելու միջոց չգտնե քաղաքապետարանը, այլևս քաղաքին մեջ անցուդարձը անհնարին կդառնա։
 +
 +
Կա՛մ այդպես, կա՛մ խանութի մի կողմը մեկ քիլոմեթր երկարող «պոչը» չորս հավասար մասերու կտրելով, մեկ մասը խանութի դռնեն դեպի աջ երկարելու է, մեկը՝ ձախ, մեկը ստորերկրյա անցքով՝ վար, մեկն ալ՝ դեպի վեր։
 +
 +
<b>Շաբաթ 7.</b> ― Հայտնի դաշնակցական Արշակ Ղազարյանը, լքելով իր կուսակցությունը, Խորհրդային Հայաստան է եկեր՝ ծառայելու բոլշևիկներուն։
 +
 +
Տարի մը լման հոս է Ղազարյանը ու չի սկսեր տակավին «ծառայել»։ (Չի) հայհոյեր դաշնակցությանը ու չի փառաբաներ կուսակցությունը)։ Ի՞նչ էր գաղտնիքը, ոչ ոք չգիտեր, ու հասարակությունը լեցված հրացանի մը բերնին նայող երեխայի պես, ակնդետ կրակվելուն կսպասեր։
 +
 +
Իրոք որ անբնական երևույթ։
 +
 +
Երևակայեք, մարդ մը մե՜ծ հարսանիքով աղջիկ մը առնե կնության, տունը տանե կինը, երկրորդ օրը քահանան կուգա «կսրբե» անկողինը կերթա, բայց ամիսներով ամոլները իրարու քով չեն պառկեր․․․
 +
 +
Ըսենք կպատահե ներկայիս, բայց բացառապես այն պարագաներուն, երբ հարսը դեռ դպրոց կերթա, և ավարտելուն քանի մը ամիս է մնացեր, կամ տարիքով պզտիկ է ու նշանածի իրավունքով կապրե իր մարդուն քով։
 +
 +
Բայց Ղազարյանին միրուքին մեջ սպիտակ մազերը ավելի շատ են, քան մեր «ընտրված» Կենտգործկոմին տուփին մեջ սպիտակ քվեները՝ ինչո՞ւ այսպես։
 +
 +
Բայց այսօր պարզվեցավ։
 +
 +
Պաշտոնի կսպասեր։ Ստացավ։ 220 ռուբլի ամսական։
 +
 +
Երկու կուսակցությանց վիճակը պարզվեցավ վերջապես։
 +
 +
Դաշնակցությունը 220 ռուբլիի քանդեր է Հայաստանը, բոլշևիկները նույն չափով շիներ են։
 +
 +
Այսպես կվկայե այսօրվա թերթին մեջ տպած իր հոդվածը։
 +
 +
Բայց չկարծեք դաշնակցությունը միայն 220 ռուբլու է քանդեր Հայաստանը։
 +
 +
Ո՛չ, այսքանը՝ վասնզի մեր պետությունը աղքատ է․ վաղն եթե հարստանա, դաշնակցության քանդարարության չափը կրնա բարձրանալ մինչև հինգ հարյուր ռուբլիի․․․
 +
 +
⁕ Ըսի՝ չէ՞, սրբագրիչ եմ։ Այսօրվա համարին մեջ «ֆինանսական» ու «ֆրանսական» բառերը իրար ենք խառներ։ Ողջ խմբագրությունը իրար է անցեր ու կպատրաստվե գրավոր «նկատողություն» հղել մեզ։
 +
 +
․․․Եթե ես հանցավոր եմ թուղթին վրա երկու նման բառեր զիրար խառնելուն համար, ապա իրենք որքա՞ն հանցավոր են՝ «ցարական» և «խորհրդային» ռեժիմները իրականին մեջ զիրար խառնելուն համար։
 +
 +
Շաբաթ մը չկա, ինչ սրբագրիչ եմ, երկու անգամ նկատեր են ինձի։
 +
 +
․․․Ա՜խ, տվեք ինձի խոշոր գրիչ մը, որ սրբագրեմ սա սխալներու սխալը՝ բոլշևիկյան ռեժիմը։
 +
 +
<b>Կիրակի 8.</b> ― Այն խնամքը, որ կտանե դիմացիս սենյակը ապրող տիկինը իր երեսի կաշիին վրա, եթե ատոր կեսը խորհրդային կաշեգործարանները տանեին իրենց շևրոներուն վրա, այսօր խորհրդային կաշիները համարձակ մրցեին պիտի եվրոպական շևրոներուն հետ։
 +
 +
⁕ Այսօր բարեկամիս հարցուցի․
 +
 +
― Օրական որքա՞ն ժամանակ կուտաս «Խորհրդային Հայաստան» կարդալուն։
 +
 +
― Նայած ստամոքսիս։
 +
 +
― Ի՞նչ կապ ունի ստամոքսը թերթուն հետ։
 +
 +
― Թերթը պետքարանին մեջ միայն կկարդամ։ Պնդության պարագային ավելի կկարդամ, իսկ երբ լույծ եմ՝ միայն աչքե կանցունեմ։
 +
 +
― Լավ, բայց այդ բանը գաղտնի պահելու ես։
 +
 +
― Ինչո՞ւ։
 +
 +
― Կառավարությունը լսե նե, դեղատուներեն վերցնել կուտա բոլոր տեսակի լուծողականները, ու մինչև իսկ, սանիտարական պատրվակներով կրնա գեղեցիկ օր մը պնդության պարտադիր օրենքը հրատարակե և որոշումը խախտողին սանկ֊նանկ ընե, ինչպես սովորաբար։
 +
 +
<b>Երկուշաբթի 9.</b> ― Կուսակցական զտում։ Կհեռացվեն անհարազատները։ Ոմն Սիմոն Յեվոյան զտող հանձնաժողովի առջև կամբաստանվե այն բանի մեջ, որ իբր իր մեկ ոտքը քաղաքն է, մյուսը՝ գյուղ, մինչդեռ կամ գյուղ, կամ քաղաք՝ իրենց օրենքներով։
 +
 +
Հանձնաժողովը ի պատասխան կհայտարարե, որ այդ ամբաստանությունը չի համապատասխաներ իրականությանը, վասնզի Յեվոյանը ունի ընդամենը․․․ մեկ ոտք։
 +
 +
⁕ Բանկոոպին մեջ, ճզմումի հետևանոք կոտրվեցավ կնոջ մը թև։ Միլիցիան, անմիջապես օգնելով աղետյալին, կառք նստեցուց ու հիվանդանոց տարավ։
 +
 +
Կըլսվե, որ բանկոոպը առանց հերթի այդ կնկանը ութ մեթրո չիթ է տվեր․․․
 +
 +
Օրինակ մը խիստ գայթակղեցուցիչ։ Վասնզի ո՞վ ութ մեթրո չիթի համար իր մեկ թևը չի կոտրեր․․․
 +
 +
<b>Երեքշաբթի 10.</b> ― Հարյուր մարդ կրնամ հաշվել, որք վաղաժամ ծերանալ կուզեն։
 +
 +
Անցյալներ պաշտոնատան մը մեջ ծառայողը զարկավ սպանեց իր պաշտոնակից օրիորդը, որ մերժեր էր իր սերը։ Ասոր նման քանի մը միջադեպերու հետևանոք՝ կառավարությունը կփնտրե ծերունի պաշտոնյաներ։
 +
 +
Հազարավոր գործազուրկ մարդիկ կանիծեն իրենց բախտը հիսուն տարի առաջ ծնված չըլլալուն համար։
 +
 +
Օր մը, թևեն քաշեցի երիտասարդ անգործի մը ու հարցուցի․
 +
 +
― Կուզե՞ս շուտ զառամել։
 +
 +
― Միակ բաղձանքս է․․․ ապրելու համար։
 +
 +
― Սենյակ մը շինե, անանկ է նե, պետական պաշտոնյա մը դիր մեջը ու աշխատե հանել սենյակեդ։
 +
 +
― Ու կծերանա՞մ։
 +
 +
― Օրե օր։ Ավելին, ժամե ժամ։
 +
 +
― Այդ ինչպե՞ս։
 +
 +
― Պատմելը երկար կըլլա, սիրելի՛ս։ Դուն ուղղակի նստե, դիմում մը գրե ժողդատարանը, թե ենթադրենք՝ Հրաչյա Գևորգյանը բռնագրավեր է սենյակս, վեց տարե ի վեր անվարձ կնստե ու չուզեր հեռանալ։
 +
 +
― Բայց ես տակավին տունս չեմ շիներ․․․
 +
 +
― Հոգ չէ։ Մինչև դատարանը իր վճիռը կայացնե ու տված վճիռը գործադրե՝ տունդ արդեն վաղո՜ւց կայնած կըլլա արտի մը մեջ ու Հրաչյան ալ մեջը։
 +
 +
― ․․․Ատո՜ր համար տնատերերը ասանկ շուտ կծերանան։
 +
 +
― Յա՞։
 +
 +
⁕ Այսօր խոսակիցս սաստիկ կզարմանար, որ ասանկ աղքատ երկրի մը մեջ, ուր անգործություն միայն կա, ավազակություն չի պատահեր։
 +
 +
― Հանգիստ եղիր, ― ըսի, ― այդ դերը պետությունն է վերցուցեր իր վրան ու կտանե ավելի ծրագրված, քան պարտիզան ավազակը։
 +
 +
Ու կզարմանամ։
 +
 +
Ինչո՞ւ առաջները ավազակները փոխանակ լեռները ելլելու՝ քաղաքներու մեջ ասանկ կոոպերատիվ խանութներ չէին բանա ու երկու ռուբլանոց շիվյոնը 32 ռուբլով վաճառեին․․․
 +
 +
<b>Չորեքշաբթի 11.</b> ― Կինս ոտքի է ելեր ու պիտի ծնե։ Մանկաբարձուհիի ետևեն կվազեմ խելակորույս ու բախելով հանդիպածս մանկաբարձուհիին դուռը կաղաչեմ․
 +
 +
― Տիկին, կինս ոտքի է կեցեր և ձեր շտապ այցելությանը կսպասե։
 +
 +
Տիկինը, չուզելով նկատել ինձի, վասնզի սաստիկ բարկացած էր, դուռը բացավ ու ետևը ինձի դարձուցած շարունակեց․
 +
 +
― Ժողովրդյան երկու մեթրո բամբակեղեն չեն կրնար հասցնել՝ վերելքեն կճառեն։ Ընդամենը երկու թոփ բասմայեն դրեր խանութին մեջ, հազարավորներ հավաքած իրար գլխուն, ձիթահանի պես ճզմել կուտան անզգամները ու ասանկով՝ Եվրոպային անցնե՜լ կուզեն խեղկատակները։
 +
 +
― Տիկին, կինս ոտքի վրա է ու շտապ ձեզի կուզե։
 +
 +
․․․Տարի մըն է չորս մեթրո բան եմ առեր վեց անձ ընտանիքի համար։ Դուն ստացեր ես, ընկե՛ր, կոռնա կառավարիչը հեռվեն։ Ծո՛, թաղեմ գլուխդ՝ չորս մեթրոն վեց անձի առա՞ջը ծածկե, թե՞ ետևը․․․
 +
 +
― Տիկին, կինս կսպասե, ― պոռացի ես, ինքզինքս լսելի լինելու համար։
 +
 +
― Հասկցա՛նք, վա՛հ։ Կինս կսպասե, կինս կսպասե․․․ դարձավ ինձի տիկինը։ Տնաշե՛ն, քիչ մը քաղաքավարություն ունեցիր։ Կտեսնես, նոր եմ վերադարձեր կոոպերատիվեն։ Հինգ ժա՞մ մըն ալ չես ձգեր բարկանամ։
 +
 +
«Հինգ ժամ» լսելուն պես քալեցի ուրիշ մը կանչելու ու շատ չանցած կանգ առի երկրորդ մանկաբարձուհիին դուռը, որ գոհություն աստծո, մեր քաղաքին մեջ սաստիկ շատ են։
 +
 +
Երկրորդ մանկաբրձուհին, կերևար պատուհանեն։ Հայելիին առջև կհուսնվեր ու կաղաղակեր։
 +
 +
― Ասիկա պաշտոնատուն չէ։ Արջ կխախցունեն կոր։ Այսօր գնա՝ վաղը եկուր, վաղը գնա՝ մյուս օրը եկուր։ Ծո՜, անամոթներ, ես համբերեմ, պատն ալ կհամբերե՞։ Վերջապես, ի՞նչ պետք կա մեր գլխուն վրայի պատռված պատը շինելու համար երկու ռուբլիի մարկայով խնդրագիր մը ներկայացնել տեխնիկական բաժինը ու ամիսներով երթալ գալ։ Թույլ տվեք մեր պատը մենք շինենք, անզգամներ․․․
 +
 +
― Տիկին, մանկաբարձուհիի շտապ պետք ունիմ, կհաճեի՞ք գալ, ― ըսի պատուհանեն։
 +
 +
― Չեմ կրնար։  Գավգործկոմեն նոր եկա, ― պատասխանեց կինն այն եղանակով, որ կարծես Գավգործկոմեն նոր եկող մը երեք ամիս պետք չէր գործի երթար․․․
 +
 +
Երրորդ մանկաբարձուհիին դուռը զարկի։ Կինը դուռը բացավ ու, կարծես, ոչ թե ես իրեն պետք ունեի, այլ ինքն՝ ինձի։ Դատարանեն նոր էր վերադարձեր ու մեկը կփնտրեր սրտի մաղձը անոր վրա թափելու։
 +
 +
― Մարդիկ չե՜ն, մարդիկ չե՜ն հոնտեղ նստողները։ Ծո՛, ավազակնե՛ր, փողոցին մեջ սրիկա մը մութ ատեն անպատիվ առաջարկ կընե ինձի, ես ձեզի դիմելով պատիժ կխնդրեմ։ Հոս ի՞նչ գործ ունի սոցիալական դրությունը, կամ սեփական տունը, կամ սպասուհի ունենալը․․․ չեմ հասկանար։ Տուն ունեցող կնկա մը ամեն մարդ կրնա գեշ առաջա՞րկ ընել այս երկրին մեջ, անամոթնե՛ր։ Սպասուհի պահողը իրավունք չունի՞ նամուս ունենալու, ընկնավորնե՛ր։ Աղքատին պաշտպանել կուզեք՝ տարեք հագցուցեք, խմցուցեք։ Աղքատն հարստանալու համար ինձի համբուրե՞ պիտի փողոցեն մեջ․․․ թո՜ւ, ձեր նամուսին, ձեր արդարադատությանը, ձեր սոցիալիզմին․․․
 +
 +
― Տիկի՛ն, դուք մանկաբարձուհի չե՞ք։
 +
 +
― ․․․ Ո՜չ, ո՜չ, ես ոչինչ եմ, ես մարդ չեմ, ես օրենքե դուրս եմ, վասնզի զգեստս կարկատած չէ, տուն ունիմ ու սպասուհի կպահեմ․․․
 +
 +
― Մնաք բարով, շտապ գործ ունիմ․ ― ըսի ու քալեցի ծեծելու չորրորդ մանկաբարձին դուռը։
 +
 +
― Մայրդ տա՞նն է, ― հարցուցի դուռը բացող տղեկին։
 +
 +
― Նոր եկավ, նոտարի մոտ էր գացել տունը վաճառելու։
 +
 +
― Հա՞, ― ըսի ու ճամբաս շարունակեցի։ Պետական նոտարի մոտ գացող մը նախապես շաբաթ մը տեղական տնտեսություն պիտի երթա գա՝ տեղեկանք մը ձեռք բերելու համար «առ այն», որ քաղաքին մեջ այլ կալվածք չունե։ Տեղեկանք ստանալն առանց խնդրագրի չըլլար, խնդրագիրն ալ առանց երկու ռուբլանոց մարկայի չըլլար, մարկան ալ ամեն բանկի մեջ չըլլար ու բանկիրն ալ միշտ հոն ներկա չըլլար։ Բոլոր սպասումներդ ի մի գումարած՝ տասներկու շաբաթ է։ Լա՜վ։ Բայց չէ՞ որ հարկավոր է նաև ապահովագրական վարչության թուղթը՝ երկու օր մըն ալ հոն՝ տասնչորս շաբաթ։ Հետո։ Պետք է երթալ գույքային բաժին և ձեռք բերել «գույքային ակտ» կոչված թուղթը։ Այս «ակտը» պիտի տպե մեքենագրուհին։ Մեքենագրուհին ալ արձակուրդ է գացեր ու իրեն փոխարինող չի ղրկեր աշխատանքի բորսան։ Պետք է սպասել ևս երկու շաբաթ մինչ մեքենագրուհին արձակուրդեն վերադառնա։ Կվերադառնա, բայց մատին վրա վերք է եղեր ու չի կրնա աշխատել։ Եվ այսպես, եթե չորս ամիսեն պետական նոտարին պահանջած փաստաթուղթերը ձեռք բերած իրեն՝ նոտարին երթաս, դե՛, անիկա էլ մարդ է, պետական պաշտոնյա է, հազար ու մի գործ ունի, խոմ չի՞ կրնար մեկ օրվա մեջ գործդ ընդունել։ Առաջին օր 163 ռ․ 50 կոպեկդ կմուծես։ Մյուս օր կուգաս հարցնելու, թե թուղթը պատրա՞ստ է, երրորդ օրը թե՝ ե՞րբ կպատրաստվի, չորրորդ օրը՝ թե պիտի պատրաստվի՞, թե ոչ։ Հինգերորդ օր՝ շնորհքով կռիվ։ Վեցերորդ օր հաշտություն և խոստում մեկ շաբաթեն լմցնելու և այսպես անվերջ։
 +
 +
Ճիշտ վարվեցա չորրորդ մանկաբարձին չսպասելուս համար։ Այսքան քաշքշվող մանկաբարձ մը ինչքան ալ համբերող ըլլա, ես տասներկու ժամ բարկանալու իրավունք կուտամ։
 +
 +
Այսպես, անհաջողութենես հուսահատ կքալեմ փողոցին մեջ ու բարկությունս կնոջս վրա կթափեմ  մտովին։
 +
 +
Տնաշենի՛ կնիկ, տունը նստած ամեն տարի տղա մը կծնե․․․ պարապութենեն։
 +
 +
Հորդ ողորմի՜, ճիշտ է կին ես, բայց հիմա կին կամ տղամարդ տարբերություն չունին։ Մեկ դուրս ելի՜ր, Գավգործկոմ թուղթ հանելու գնա՜, մարկա ա՜ռ, բա՜ն։
 +
 +
Ես հավատացած եմ, եթե այսօր կինս կոոպերատիվ մտած ըլլար՝ հիմա զայրույթեն երեխային ծնելն ալ մոռացած կըլլար, մկրտությունն ալ։
 +
 +
․․․Բնական է, եղբա՛յր, ես ալ տունը նստելու ըլլամ՝ կծնեմ։
 +
 +
⁕ Պրեոբրոժենսկի, Ռադեկ ու Սմելգա, որք, հայհոյելով կուսակցությանը, դուրս էին եկեր, Տրոցկուն հարեր, այսօր հայհոյելով Տրոցկուն՝ կուսակցությանը հարեցան․․․
 +
 +
 +
<b>Տետրի վրա թիվ չկա, հավանաբար՝ 1928 թվական</b>
 +
 +
 +
<b>Ուրբաթ 17․</b> ― Ամեն տեղ պաշտոնեից զտում կերթա։
 +
 +
Զտվող պաշտոնյան բեմ կելլե ու այլևս զտող ամբոխի տրամադրության տակ է։ Անիկա մանրամասն  պիտի տա իր կենսագրությունը, որի ժամանակ անպատճառ որևէ թվին պիտի ծնվե հարմար ծնողե մը (խույս տալով քահանայե, հարկավ), իր կրթությունն ստացած ըլլա որևէ դպրոցի մեջ ու սկսած ըլլա քաղաքական գործունեությունը։
 +
 +
Պատահեցա խումբի մը, որ «զտվելու» կերթար․
 +
 +
― Սամսո՛ն, դուն ո՞ր թվին կուզես ծնվել։
 +
 +
― 1888:
 +
 +
― Ի՞նչ տեսակ հորմե, որոշե՞ր ես։
 +
 +
― Մտադիր եմ բանվորե մը ծնվել, նայենք պիտի հաջողի՞մ։
 +
 +
⁕ Բարելամներես մեկը հարցուց ինձի՝ դեմս կտրելով։
 +
 +
― Ո՞ւր ես, բնավ չես երևար, ախպա՛ր։
 +
 +
― Իմ արժեքը բարձրցեր է կոշիկի աստիճանին։ Ինձ միայն տեխկոմի օրդերով կարելի է տեսել, ― պատասխանեցի, անցա։
 +
 +
<b>Շաբաթ 18.</b> ― Մուկի թակարդ եմ առեր, բայց բնավ մուկ չի իյնար։ Պատճառը երկու է՝ նախ, որ համով խայծ մը չունինք մուկերուն պատվելու, երկրորդ՝ արդեն թակարդներու այս սիստեմը շատ է հինցեր ու մոդայե ինկեր։
 +
 +
Թակարդը խորհրդային երկրի պես պիտի շինված ըլլա, որ առանց խայծի իյնան և ընկնողը հավիտյանս դուրս չի գա․․․
 +
 +
⁕ Այսօր տասնհինգ ռուբլի տուգանք տվի տնային գրքույկս նորոգած չըլլալու համար։ Վաղը քսանհինգ ռուբլի պիտի տամ՝ տնային գրքույկը նորոգած ըլլալուս համար։
 +
 +
Այս երկրի էական բայը միայն տալն է, իսկ թե ինչի՞ համար՝ դա լրացուցիչ պարագա է, որը կրնա ըլլալ, կրնա չըլլալ․․․
 +
 +
<b>Կիրակի 19.</b> ― Ամենայն օր լեռնային գյուղերեն հարյուրավոր շուներ կբերե կառավարությունը և սահմանագլուխը կտանե, որ դաշնակներու վրա հաչեն։
 +
 +
Այդ շուները թեև կողմնորոշված չեն տակավին ու հայտնի չէ իրենց օրիենտացիան, սակայն ինձի կթվի, թե այդ անորոշության մեջ անգամ, այդ շուները ավելի լավ կհաչեն դաշնակցության վրա, քան Տիգրան Հախումյանը։
 +
 +
Վասնզի շուները ինչքան ալ ըսեն սկզբունք չունինք՝ չհավատաք։ Անոնք միշտ սկզբունք մը կունենան նեղ օրվա համար։
 +
 +
⁕ Մոտ հարյուր հիսուն հոգի խեղճ ու կրակ գյուղացիք, զինված ուժերե պաշարված, պատուհանիս տակեն չեկա կտարվեին։ Սրտակեղեք տեսարան։
 +
 +
Կուզեի ցավել այդ բռնվածներու վրա, երբ հանկարծ հիշեցի, որ մեր վիճակն ալ ոչնչով չի տարբերեր անոնցմե։ Ցավեմ, վայ թե հանկարծ այդ խեղճերեն մեկը դառնալով ըսե․
 +
 +
― Բնակիչ, Հայաստանի, մի լացք ի վերա մեր, այլ լացեք ի վերա ձեզ և որդոց ձերոց․․․
 +
 +
<b>Երկուշաբթի 20.</b> ― Այսօր լրացավ իմ քառասուներորդ տարին։ Հե՜յ գիտի ժամանակ։ Դպրոց երթալս ես գիտեմ հիմա է։ Երջանիկ ժամանակներ։ Խոնարհվելու ատեն կըսեինք՝ տամ, տաս, տա, տանք, տաք, տան։ Ինչքա՜ն ծեծ, կագ ու կռիվ․․․
 +
 +
Հիմա՞ է, որ ծծկեր երեխայի համար իսկ դյուրացեր է խոնարհելը։
 +
 +
Հիմա՝ տո՛ւր, տո՛ւր, տո՛ըր, տո՛ւր, տո՛ւր․․․
 +
 +
․․․Մենք ալ ըսենք դպրոց ենք գացեր, ներկա սերո՞ւնդն ալ ըսե։
 +
 +
Անցյալին ու ներկային տարբերությունը միայն դպրոցին մեջ էր սակայն, դուրս, կյանքին մեջ առջի ու հիմիկվա մեջ տարբերություն չկա բոլորովին։ Հին ատենները խանութեն ինչ հարցնեիր՝ կա՛, կա՛, կա՛ կըսեր, իսկ հիմա ատոր փոխարեն կոոպերատիվը՝ չկա՛, չկա՛, չկա՛ կըսե։
 +
 +
Փոքրիկ «ոչ» մը ինչ է, որ կարենա ազդել կյանքին վրա․․․
 +
 +
⁕ Այսօր պապիրոսի կեցողներու հերթը 400 մետր էր Փարիզի միջօրեականով։ Ինքս հաշվեցի։
 +
 +
<b>Երեքշաբթի 21.</b> ― Գիշերն երազիս մեռեր էի ու սատանան ինձի դժոխք կառաջնորդեր։ Երկու ժամ քալելով՝ հասանք տեղ մը, ուր սատանան ինձի թողեց ու ինքը հեռացավ։ Տեղը, ուր ես ընկեր էի, երկրի իմ սենյակեն ավելի լույս էր (տարի մըն էր ինչ «լամպոչկա» չունեինք), հատակը քիչ մը կպրե էր թեև և օդը խիտ, բայց բանկոոպի ճաշարանին հետ համեմատած՝ արքայությո՜ւն էր։
 +
 +
Ըսի լավ տեղ է, պառկեմ քիչ մը հոգնությունս առնեմ՝ մինչև սատանան գա ինձ դժոխք տանի։
 +
 +
Կսպասեմ ժամ մը, երկու ժամ, մեկ օր, երկու, վերջապես շաբաթ մը, ոչ մեկ սատանա չի գար։
 +
 +
Ծո՜, դու մի՜ ըսեր, որ դժոխքը այս իսկ տեղն է եղեր․․․
 +
 +
Ուրախութենես արթնացա։ Արթնացա և ի՜նչ, առանց սատանայի առաջնորդության ես իսկական դժոխք էի իջեր․․․
 +
 +
⁕ Քաղաքիս մեջ ծխախոտ ունին միմիայն պատասխանատու կոմունիստները։ Ծխող ժողովուրդը խելահեղ այս ու այն կուսակցականի տան ծխնելույզի կամ դռան ճեղքին է կպեր՝ քիչ մը մուխ առնելու։ Բայց ծխախոտի ներկա կրիզիսին կգտնվի՞ արդյոք մեկը, որ ծուխը օդին մեջ բաց թողու և ամբողջովին ներս չկլանե։
 +
 +
Ո՛չ, չի՛ ըլլա։
 +
 +
Անանկ որ ժողովուրդը պետք է գիտնա իր քիթը ավելի հուսատու անցքերու դիմաց բռնել․․․
 +
 +
<b>Չորեքշաբթի 22.</b> ― Սկսեր է Ազգերու լիգային նստաշրջանը։ Սա Եվրոպայի դիպլոմատները, հետևելով «ուղիղ խոսքը խենթը կամ երեխան միայն կզուրցե» բանաձևին, երբ ճշմարտություն մը ըսելու պետք ունենան՝ անմիջապես Խորհրդային Ռուսաստանեն ներկայացուցիչը մը կհրավիրեն․․․
 +
 +
Կմտածեմ․
 +
 +
Իսկ եթե Ռուսաստանը, օր մը խելքի գա, ուրեմն աշխարհիս երեսին այլևս ճշմարիտ խոսք չպիտի լսվե․․․
 +
 +
⁕ «Մաքսիմ Գորկու» անվան դպրոցեն անցած պահուս ուսուցիչը հետևյալ խնդիրը կուտար աշակերտներուն․
 +
 +
― Երեկ քաղաքիս մեջ ծխախոտ չկար, այսօր երեկվնե երկու անգամ ավելի չկա, քաղաքիս մեջ որչա՞փ ծխախոտ չկա։
 +
 +
<b>Հինգշաբթի 23.</b> ― Ի՞նչ է խելագարը։
 +
 +
Խելագարը «Դամա» խաղին «աղան» է, որ անսաստելով հասարակ քարերու բոլոր օրենքները, կարճ ու զարտուղի ճամբով դեպի նպատակը կերթա։
 +
 +
Այսօր Մաթոս անունով խելագար մը տեսա, որ կեցած միայն կոմունիստներու համար բացված կենսամթերքի խանութին դիմաց, կհայհոյե այս երկրին ազատությունն ալ, հավասարությունն ալ, եղբայրությունն ալ։
 +
 +
Անշուշտ այսքան խոշոր անարդարությունը մեկ մարդու հայհոյանքով չի փոխհատուցվեր, բայց իմ կարծիքով պետք չկա, որ ուրիշ մըն ալ խելագարե՝ կարելի է Մաթոսին ըսածները չակերտներու մեջ առնել ու ազատ գործածել։
 +
 +
⁕ Այսօր քանի մը տուփ ծխախոտ է եկեր կրպակները, ու հերթը այնքան երկար է, որ մինչև առնելու կարգը վերջի կեցողներուն եկավ, անոնք ծխելը․․․ մոռցեր էին արդեն․․․
 +
 +
<b>Ուրբաթ 24.</b> ― Միշտ ու ամեն տեղ միևնույն հետևանքները միևնույն պատճառեն հառաջ կուգան։
 +
 +
Եթե մեր «անկուսակցական» ինտելիգենցիան անմիջապես ծունկի չի գար կոմունիստական կուռքի առաջ և համառեր այնպես, ինչպես Գրիգոր Լուսավորիչը համառեցավ Տրդատին ժամանակ, անկասկած Լուսավորչին նման գլխիվայր պիտի կախվեր, հետույքին ձագար դրվեր և քացախ ընդուներ իր ներսի դին։
 +
 +
Ո՞րն է խելոքությունը, եթե հարցնես․
 +
 +
― Հարկա՜վ, մեր ինտելիգենտներու ըրածը։ Գաղափարը ի՞նչ արժե հիմա, հետույքը պետք է փրկել, հետո՜ւյքը։
 +
 +
⁕ Կինս ջուրի երթալուն, ըսես ճակատամարտի կպատրաստվե։ Միա՜յն Ղևոնդ երեցն է, որ կպակսե՝ զայն հաղորդելու համար։
 +
 +
<b>Շաբաթ 25.</b> ― Ահա քեզի նոր տուրք մը՝ «միանվագ» տուրք։ Ասկե երկու ամիս առաջ անգամ մը հավաքեցին այդ անունով և ըսին, որ տարին անգամ մը պիտի գա, սակայն, փոխեց իր միտքը և երկու ամսեն կրկին այցելեց մեզի այդ տուրքը։
 +
 +
Ես զարմացա՜։ Նոր տուրքը ինչպե՞ս կրնա տարեկան ըլլալ։ Նոր տուրք մը հնարվելեն վերջ՝ մե՛կ, երկո՛ւ, երե՛ք, մեկ ու տասն անգամ գեթ իրար վրա գալու է, որ չմոռցվի։
 +
 +
Ես նոր բառ մը լսելուս, եթե գեթ հինգ անգամ իրար վրա չկրկնեմ, կմոռնամ օրինակ, և առածն ալ կըսե՝ «կրկնությունն է մայր գիտության»։
 +
 +
Համաքաղաքացիներուս կհորդորեմ չհուզվել։ Այդ տուրքը շահադիտականե ավելի ակադեմիկ նշանակություն ունի։
 +
 +
⁕ Երեկ ջրի ծորակի վրա զարկեր էին մեկի ու քիթեն արյունը առվակի պես կվազեր։
 +
 +
― Ա՜խ, Աստվա՛ծ, ― բացականչեց մեկը՝ դատարկ դույլը ձեռքին, ― եթե՜ մեր երակներուն մեջ ջուր լեցուցած ըլլայիր արյունի փոխարեն, այսքան հեղուկ համպետս չէր հոսե գետին։
 +
 +
Բայց Աստված իր գործը գիտե։
 +
 +
Աստված եթե երակներուս մեջ ջրի նման թանկագին հեղուկ հոսեցուներ, այն ատեն եղբայրն անգամ եղբոր մորթեր պիտի՝ քիչ մը ջուր հանելու համար անկե․․․
 +
 +
<b>Կիրակի 26.</b> ― Տուն եկա՝ գյուղից մեր Հովասափն էր եկեր։
 +
 +
― Բարև, Հովասափ, ի՞նչ կա գյուղը։
 +
 +
― Աստծու բարին։ Տուրքից զատ ի՞նչ կրնա ըլլալ, ― պատասխանեց Հովասափը։ ― Երեկ եկեր հավանոց են արձանագրեր՝ աքլորներն ալ հավ հաշվելով։ Եկեր եմ բողոքեմ։ Լսածովս՝ խորհրդային օրենսգրքին մեջ աքլորները ազատ են ածելե։
 +
 +
Օրենք չէ, բայց դու կրնաս ըսել, թե կամ աքլորներուս հնարավորություն տվեք ածելու, կա՛մ ազատեցեք ինձի անոր ձվի հարկեն։
 +
 +
Ինչպե՞ս․․․ կրնան աքլորին ածելու հնարավորություն տա՞լ։
 +
 +
― Ինչո՞ւ չէ։ Այդ առթիվ հազար ու մի միջոցներ կան։ Այդ հարցը կրնա դռնփակ ժողովով անկացվել, դռնբացը չեղավ, դռները կփակե ու բջիջի դռնփակ նիստով կանցունե։ Հարցի լուրջ եղած պարագային՝ հինգ պատասխանատու ընկերներ կղրկե տեղերը։ Այդ ալ չօգնելու պարագային, հարցը 16֊րդ համագումարը կփոխանցե ու Լենինեն ցիտատ մը բերելով՝ հանրապետական մաշտաբով կվճռե։ Իսկ որ անգամ մը 16֊րդ համագումա՜րը վճռե, ալ վերջացավ, ոչ մեկ կենդանի ածելե չի ազատվեր։ Աքլորի ածելը շա՞տ բան է։ Աքլորը հավի արու տեսակն է, իսկ մարդոց մեջ արուն ու էգը վաղո՜ւց են հավասարեր։ Հավերդ ինտոր են, կածե՞ն։
 +
 +
― Կածեն՝ օրը մեկ, երկու օրը մեկ․․․
 +
 +
― Հարվածայնության չե՞ն անցեր։
 +
 +
― Հարվածայնությունը ի՞նչ ըսել է, ― հարցուց Հովսափը, երկրորդ աչքն ալ լայն բանալով՝ բան մը, որ ցույց կուտար իր մաքսիմում զարմանքը։
 +
 +
― Հարվածայնություն, սոցմրցում այսպես կըլլա։ Տերը «հնգամյակը՝ չորս տարումը» կկախե գոմի ճակատին և կանցնե կենդանիներու հետ անհատական պայմանագրեր կնքելու։ Կովերու «ցեխն» առանձին, ավանակներունը՝ առանձին, հավինը՝ առանձին։ Վերջապես «ցեխ» առ «ցեխ»։
 +
 +
― Գոմիս մեջ ցե՜խ չունիմ։ Կավով չի՞ կնքվի․․․ ձմեռը ավելի տաք կպահե։
 +
 +
― Կըլլա, ինչով կնքես՝ կըլլա․․․ Հա, պայմանագիր կնքվեց՝ կենդանիք պետք է իրենց արտադրության «տեմպը» արագացունեն՝ յուրաքանչյուրն ըստ իր մասնագիտության։ Կովն, օրինակ, եթե կես դույլ կաթ կուտա, պիտի մեկ դույլ տա։ Ավանակը իր քայլերը պիտի արագացնե։ Ցուլդ «անընդհատի» պիտի անցնե, ու հավերդ օրեն երկուսը պիտի ածեն․․․
 +
 +
Խոսելուս կնկատեի, որ Հովաթափին քիչ կուգար երկու աչքերը՝ իր զարմանքը հայտնելու և չորս կողմը նայելով՝ ըսես ավելորդ աչք մը կփնտրեր․․․
 +
 +
⁕ Այսօր մեր ջրի ծորակը ինքնավար հայտարարվեցավ ու հաջորդ կիրակի սահմանադիր ժողով պիտի գումարեն բոլոր օգտվողները՝ ջուր տանելու կարգ սահմանելու։
 +
 +
<b>Երկուշաբթի 27.</b> ― «Զտման» համաճարակը բռներ է բոլոր հաստատությունները։
 +
 +
Աստվա՜ծ իմ, փակեցեք գոմի դուռները, կենդանիներն ալ չվարակվեն այդ ցավով։ Կենդանիներու մեջ այդ հիվանդությունը ժանտախտեն ավելի զոհեր կխլե ու գոմերը կամայանան։ Վասնզի, երևակայեցեք, որ այծերու կուսակցությունը «կզտե» ոչխարներուն, և այդ ոչխարը, որ իրենց նման ետևը պոչ, գլխին ոլորուն կոտոշ, կզակին մորուք չունի կամ երգելուս չի մկկար՝ դուրս կվռնդվե գոմեն ու անոթության կդատապարտվե։ Կամ ուխտերը լվերուն քննադատեն ըստ իրենց սապատը ու վիզը չունենալուն համար։ Կամ ագռավները վարդի վրայեն քշեն սոխակներուն՝ իրենց ձայնը չունենալուն պատճառով։
 +
 +
«Զտումը» մարդոց մեջ փա՜ռք է։ Բոլոր այլ կուսակցություններու պատկերները բոլշևիկներու կերպարանքին նման է (դժբախտաբար), կմնա համոզմունքը։ Վա՜յ տնաշե՛ն, հիմա համոզմունքը փոխելեն ավելի դյուրին բա՞ն․․․
 +
 +
⁕ Լսե՛, Աստված։
 +
 +
Մինչև հիմա մարդոց քո կերպարանքով ստեղծեցիր՝ լավ, բայց ասկե վերջ, գեթ բոլշևիկներուն Լենինի կերպարանքով ստեղծե, որպեսզի Լենինի խոսքերը գործածեն առանց չակերտի։
 +
 +
Ես տպարանի սրբագրիչ եմ, և հոգիս ելավ չակերտներ դնելով․․․
 +
 +
Քեզի՛ ալ օգուտ է, Տե՛ր, դո՛ւն ալ անոր կերպարանքն առ։
 +
 +
Լենինի կերպարանքով ավելի դյուրին է անհեթեթություններ քարոզել ու պաշտվել, քան քո պատկերով։
 +
 +
Արդյունաբերությունը առաջ կերթա՝ գործիքները պետք է փոխվին․․․
 +
 +
<b>Երեքշաբթի 28.</b> ― Միլիցիական «կադրեր» պատրաստելու համար, դպրոց մըն է բացվեր մեր տպարանին քովը, ու պատուհանս անոնց դասարանին կնայե։
 +
 +
Երեկ ուսուցիչը այսպես դարձավ ունկնդիրներուն․
 +
 +
― Ով ինձի ըսե, թե մեր օրենքներով, ո՞ր գործողությունը հանցանք է և ենթակա տուգանքի, ես անոր մեկ կտոր լվացքի օճառ կուտամ։
 +
 +
Ասոր ի պատասխան։
 +
 +
― Ով ինձի ըսե, թե ձեր օրենքներով, ո՞ր գործողությունը հանցանք չէ և ենթակա չէ տուգանքի, ես անոր երկու լվացքի օճառ կուտամ, ― ձայնեցի ես, չկրնալով զսպել ինձի։
 +
 +
․․․Բայց խնդրեմ չկարծեք, թե ես օճառ ունիմ։ Ո՜չ։ Այսպես խոսելու համար բնավ օճառ ունենալու չէ․․․
 +
 +
<b>Չորեքշաբթի 29.</b> ― Լրագրական վերջին տեղեկություններով՝ Ֆինլանդիան գրգռիչ դիրք է բռներ Խորհրդային Միությանը հանդեպ և, ըսես, պատերազմի սպառնալիք կկարդա։
 +
 +
Միությունը ատամները կրճտելով կուզե այդ պզտիկ պետության ազդրերը կսմթել կամաց մը, բայց Անտանտեն կվախնա։
 +
 +
Գաղտնի կսմթելը դիվանագիտության մեջ վտանգավոր է առհասարակ։
 +
 +
Գիշեր ատեն, ենթադրենք, ձեռքդ կմեկնես՝ ամենապզտիկ պետության մը կսմթելու, մեկ ալ տեսար, անդիեն Անգլիան կամ Ֆրանսան «վա՜յ, ոտքս» պոռաց։
 +
 +
Այդ պատճառով, Խորհրդային Միությունն ալ պարկի բերանը բացած, իր սովորական «խաղաղասիրությունը» կծախե։
 +
 +
⁕ ․․․Այսօր «Խորհրդային Հայաստան» թերթին մեջ նկարված էին աթոռի վրա հանգիստ նստած խումբ մը մարդիկ, տակը գրված՝ «Ղարտուղալիի հարվածայինները, որք սոցմրցման պայմանագիր են կնքած»։
 +
 +
Հանկարծ գյուղացի բարեկամիս՝ Հովասափին հիշեցի։
 +
 +
Չըլլա՞ հանկարծ, իր կովերու և ավանակներու պատկերները քաշել տա թերթին մեջ․․․
 +
 +
<b>Հինգշաբթի 30.</b> ― Իրիկուն տուն մտնելուս կինս սաստիկ իրարանցումով ու անասելի հուզմունքով մը պատմեց, թե այդ օր մեր պզտիկ աղջիկը լալուն ցեխոտվեր է,  գլորվելով առուն, և հազիվ ազատվեր խեղդվելե։
 +
 +
― Նոր վերարկուն, նոր լվացի, արդուկեցի, հագցուցի՝ ու հանկարծ ի՜նչ, վերեն վար ապականություն․․․ Դե եկուր, դե մի եկուր ու դիմացիր սա․․․ սա․․․ աղջկա ըրածին։
 +
 +
Բայց ես մինչև վերջը չկրցի հասկանալ, թե կողակցիս սարսափը խեղդվելու վտանգի՞ն կվերաբերեր, թե վերարկուին աղտոտելուն։ Ուստի փորձելու համար ըսի․
 +
 +
― Վա՜յ, անպիտան աղջիկ, խեղդվելը հոգ չէ, գեթ վերարկուն մաքուր մնար․․․
 +
 +
― Ցավս ալ ատ չէ՞, ― վրա բերավ կինս՝ չկրնալով ինքզինքը պահել։ ― Եթե առանց վերարկուն թրջելու խեղդվեր, ո՞վ կմտածեր․․․
 +
 +
Կինս այսքան խստասիրտ չէ, ան շատ քնքուշ հոգի ունի, սակայն, սա ջուրի սովը, որն անհնար է դարձուցեր լվացքը, խստացուցեր է իր սիրտը։
 +
 +
Ջուրի չգոյութենեն կզգուշանանք աղի կերակուրներե, ու առաջ, որ կհանդիմանեինք կաթնավաճառները՝ կաթին  մեջ ջուր խառնելուն համար, հիմա կաղաչենք, որ քանի մը կաթիլ ջուր խառնեն․․․
 +
 +
<b>Ուրբաթ 31.</b> ― Կերթամ փողոցով ու կմտմտամ ինքս ինձ։ Ի՞նչ կըլլար վիճակս, եթե կոմունիստ ըլլայի հանկարծ ու կոմիսար կամ որևէ այլ հաստատության պատասխանատու վարիչ նշանակվեի։
 +
 +
Բանն այն է, որ ես օթոմոբիլ նստել չեմ կրնար, իսկ նման պարագային շարունակ պիտի օթոմոբիլի մեջ պտտեի։
 +
 +
Կոմունիստներ կան, որ պետքարան երթալու համար օթոմոբիլ կկանչեն։
 +
 +
Սարգիս Խանոյանն, օրինակ, մեկ սենյակեն մյուսը կառքով կանցնե։ Եթե իմանա, թե մահվան պարագային ոտքով պիտի երթա անդիի աշխարհը՝ անկարելի է, որ մեռնե։
 +
 +
Եվ իրավունք ունի։ Ինչո՞ւ Յեղիա Մարգարեն կառքով բարձրացավ։
 +
 +
⁕ Այսօր միլիցիան եկավ ու բռնագրավեց բոլոր հինցած դույլերը ջրվորներու ձեռքեն․․․
 +
 +
Վերեն կհրահանգեն աղքատ, կեղտոտ, անոթի ըլլալ՝ վարեն բռնի հարստանալ կստիպեն ու հին դույլերը կհավաքեն։
 +
 +
Ո՞ւր է մեր ելքը։
 +
 +
<b>Շաբաթ 1.</b> ― Չեկան, երբ բոլոր «գերագույն» պատժի արժանիներուն կգնդակահարե անխտիր կերպով, սաստիկ կսխալի իր հաշվին մեջ։
 +
 +
Յուրաքանչյուր մարդ իրեն հատուկ «գերագույն պատիժն» ունի։ Մեկի մը համար իր երեխաներու կորուստը կրնա «գերագույն պատիժ» համարվե, ուրիշի մը՝ իր սիրեկանեն բաժնվելը, երրորդի մը՝ անզգամ կին ունենալը։
 +
 +
Չեկան, ճաշարանի մենյուին նման, պատիժներու ցուցակը հանցապարտին առաջ դնելու և ըսելու է․
 +
 +
― Ընկե՛ր, ընտրե՛ ցուցակեն քո «գերագույնը»։
 +
 +
― Ինձ համար «գերագույն պատիժը» սա ռեժիմին մեջ ապրելն է՝ որուն դատապարտված եմ, սակայն, առանց հանցանք մը գործելու․․․
 +
 +
⁕ Այսօր կին մը, հղի ըլլալուն պատճառով, հերթեն դուրս ջուր տարավ։ Չեմ գիտեր, օրինական բան էր ասիկա, թե ոչ, բայց կըսեմ ձեզի, եթե վաղը կառավարությունը օրենքով մը սրբագործե այս դիպվածը և յուրաքանչյուր հղին արտոնված ըլլա ազատ ջուր տանելու՝ մեկ օրվա մեջ կհղիանա ողջ ազգաբնակչությունը։
 +
 +
<b>Կիրակի 2.</b> ― Ամերիկյան նամակ մը առի, որտեղ շատ գեշ էր պատմված հոնտեղի կյանքի մասին։ Անգործություն, աղքատություն ու սով։ Տասը միլիոն բանվորներ անգործ կթափառեն։
 +
 +
Ի՞նչ հասկցանք։ Սոցիալիզմի երկրին մեջ սով, կապիտալիստական երկրին մեջ սով։
 +
 +
Աշխարհի ամենատխմար ժողովուրդը՝ թշվառ, աշխարհի ամենագիտուն ժողովուրդը՝ թշվառ։
 +
 +
Ասիկա չի՞ նշանակեր արդյոք, որ շատ խելոքությունը շատ հիմարության չափ վնասակար է։
 +
 +
⁕ Կոմիսար չեմ կրնար ըլլալ ոչ միայն անոր համար, որ օթոմոբիլ չեմ կրնար նստել, այլ նաև անոր համար, որ չեմ կրնար խաբել ու ամիսներով խնդրարկուներուն տանել֊բերել․․․
 +
 +
<b>Երկուշաբթի 3.</b> ― Ես անամոթություն ու անպատկառություն պիտի սորվեմ այսուհետև, ուրիշ ճար չկա, ― պոռաց կինս, ջուրի դատարկ դույլերը ձեռքին, ծորակեն վերադառնալով։ ― Ամաչկոտը, համբերողը ու կարգապահը ահա այսպես անջուր կմնա այս երկրին մեջ։
 +
 +
― Անամոթությո՞ւն։ Ատանկ կուրսեր կա՞ն Հայաստանին մեջ։ Կեցիր նայիմ, հարցնենք, եթե կա, գնա սովրիր, գիտութենեն վնաս մը չի գար, ― պատասխանեցի ու դուրս գալով իրոք հարցուցի։
 +
 +
― Վա՜յ, տնաշեն, ― պատասխանեց ինձի վարժետ մը։ ― Ծովափին ավա՞զ կփնտրես։ Որ դպրոցը բաց տեսնես՝ մտիր։ Հինգ տարեկան պոռնիկի վկայականով կավարտես ընթացքը․․․
 +
 +
⁕ Վերջին փոխանակված նոտաներով՝ Ռուսաստանը Ֆինլանդիո ըսավ՝ իմ ներքին գործերուս մի՛ խառնվիր։ Ֆինլանդիա պատասխանեց՝ թե կխառնվեմ, ու յուրաքանչյուրը տուն մտավ՝ հրացան վերցնելու։
 +
 +
Ո՞ւր է պայթյունը, չի լսվեր․․․
 +
 +
<b>Երեքշաբթի 4.</b> ― Զբոսարանին մեջ նստած, ականատես եղա երեք երիտասարդներու, որք նստած նստարանի մը վրա, աշխարհը կբաժանեին իրար մեջ։
 +
 +
― Ծո՛, ― կըսեր մեկը, ― սա աղջիկները զարմանալի արարածներ են։ Մինչև չերդունես, որ աշխարհիս մեջ քեզի՜ միայն կսիրեմ՝ անձնատուր չեն ըլլա։
 +
 +
― Այո՛, ― շարունակեց մյուսը, ― եթե հինգ աղջիկ կսիրես՝ ստիպված ես հինգ անգամ ստել․․․
 +
 +
― Իսկ ատելը որքա՜ն գեշ է, ― լրացուց երրորդը։
 +
 +
― Օ՜ֆ, սա աստվածն ալ չի գիտեր՝ ինչ կընե։ Ընդամենը մեկ աշխարհով այսքան աղջիկ կսիրվի՞։
 +
 +
― Քեզի քանի՞ աշխարհ է պետք, Սմբա՛տ։
 +
 +
― Եթե Արաքսին ալ հաշվեմ՝ յոթը հարկավոր է։
 +
 +
― Ինձի տասնվեցը չի բավեր։
 +
 +
― Քեզի՞, ― դարձավ առաջինը երրորդին։
 +
 +
― Ինձի՞։ Կեցիր, հաշվեմ, ըսեմ, ― ու գրպանեն հանեց ցուցակ մը։ Ատիկա կուսակցական դպրոցի երկսեռ աշակերտներու անվանացուցակն էր՝ որոցմե պետք էր ջոկել միայն պետքական սեռը։
 +
 +
Բայց չկրցավ ջոկել ու մեջը մնաց։
 +
 +
Շատ պարզ է, այսքան բարդ հաշիվ առանց «չոթքի» կըլլա՞․․․
 +
 +
Իրոք որ շատ խստապահանջ են աղջիկները։ Եթե իրենց նորման իջեցունեին գեթ հինգ անգամ, և աշխարհի հինգ ցամաքամասերու թվին համեմատ թույլ տային, որ տղան իրենց մեկ հինգերորդ մասով սիրեր, դարձյալ խղճով բան կըլլար։ Թե չէ, Անգլիան, օրինակ, որ աշխարհի կես մասն է տիրեր, տակավին իրավունք չունի այսօր ամբողջ աղջիկ մը սիրել․․․
 +
 +
<b>Չորեքշաբթի 5.</b> ― Թիֆլիսին մեջ երեք ազգությանց մամուլի աշխատակիցներու համագումարին մեջ պարզվեցավ, ի միջի այլոց, որ յուրաքանչյուր ազգի մամուլ հավասար չափով չի հայհոյեր իր արտասահմանի հակառակորդ կուսակցությունը։
 +
 +
Ըստ թվական տվյալներու՝ Վրաստանը հնգամյակի երրորդ վճռական տարվա առաջին կվարտալին ընդամենը ութ անգամ է հայհոյեր վրաց մենշևիկներին։ Մինչդեռ այդ նույն ժամանակաշրջանին Ադրջեջանը իր մուսավաթին՝ 83,6 անգամ, իսկ Հայաստանը 132,3 անգամ՝ իր դաշնակներին՝ կատարելով արտադրական պլանը 132 տոկոսով։
 +
 +
Տեմպերի մեջ միօրինակություն ստեղծելու նպատակով, ընտրվեցավ երեք ազգություններե ընտրված հանձնաժողով մը, որ Թիֆլիսին մեջ պիտի մշակե հայհոյանքներու պլան, երեքի համար միատեսակ ձևով, միայն թշնամի կուսակցության տեղը բաց ձգելով, որ հայկական մամուլը «դաշնակցություն» դնե, վրացականը՝ «մենշևիկ», իսկ Ադրբեջանը՝ «մուսավաթ»։
 +
 +
Շատ խելացի որոշում։
 +
 +
Պլանաչափ հայհոյելը թշնամի կուսակցությանց ալ ձեռնտու է։
 +
 +
Բանավեճը, ստանդարտ ձև ընդունելով, արտադրանքը կխոշորնա․․․
 +
 +
⁕ Երեկ բանկոոպի ճաշարանի կերակուրներու մեջ միս էր հայտնաբերված գաղտնի։ Ահագին աղմուկ֊աղաղակ, և ճաշարանի վարիչին դատարան քաշ տվին՝ իբրև պարտադիր կանոն խախտողի։
 +
 +
Բայց վարիչն արդարացած ետ եկավ։ Մարդը կրցեր էր զորավոր փաստերով ապացուցել, որ կերակրի միսը ոչ թե կովի կամ ոչխարի արգելյալ միս է եղեր ու եփված իր կարգադրությամբ, այլ պարզապես մուկ է եղեր ու ինքզինքը կերակուրի պղինձը նետվելով՝ եփվեր է առանց պատշաճ թույլտվության։
 +
 +
Անպիտա՛ն մուկ, քիչ մնար վարիչին դատապարտել տար․․․
 +
 +
<b>Հինգշաբթի 6.</b> ― Հացի հերթին երիտասարդի մը հանդիպեցա, որուն հայրը ի ծնե կույր է եղեր։ Զարմանք բան։ Կըսեմ, ա՜յ մարդ ո՞որու աչքով է տեսեր հայրդ, որ հավներ է մորդ ու առեր։
 +
 +
― Մտերիմներ շատ է ունեցեր հայրս՝ անանկ մարդիկ, որ ոչ միայն հավնել, այլև պատրաստ են եղեր անգամ ամուսնանալ․․․ հորս համար։
 +
 +
Եթե ուրիշներու համար ամուսնանալը ընդհանրանա, այդ սովորությունը խոշոր դյուրություններ կընծայե այն անդամալույծներուն, որոնց մարմինը կեսեն վար անզգա է։
 +
 +
Քաղաքական կուսակցության մեջ մտած է արդեն ուրիշի համար կարծելը։
 +
 +
Լենինն, օրինակ, տասը տարի առաջ բոլշևիկյան կուսակցության համար ինչ հարկավոր էր, մեկ անգամեն կարծեց՝ մեռավ։ Այսօր իր հետևորդներն այլևս կարծիք ու դատելիք մը չունենալով, կրնան «էվակուացիայի» ենթարկել իրենց մարմնի վերին կեսը՝ ուժ տալով երկրորդ կեսին․․․
 +
 +
<b>Ուրբաթ 7.</b> ― Մինչև այսօր պատմության մեջ իբրև ամենաաղաղակող անարդարություն հայտնի է «դիշ քիրասի» կոչված տուրքը, որ «ատամնավարձ» ըսել է։
 +
 +
Ի՞նչ է «դիրք քիրասի»
 +
 +
Տաճկաստանին մեջ, քյուրդերը, երբ հայի մը տուն կերուխումի կերթային, ճաշեն վերջ կպահանջեին, որ հյուրըկալը վճարի նաև իր ատամենրու և այն էներգիայի վարձը, որ կորսուցած էր ծամելու ատեն քյուրդը։
 +
 +
Կտեսնե՞ք, ինչքան զիջողություն։ Քյուրդը չի պահանջեր կերածը մարսելու վարձք, այլ միայն ու միայն ծամելու։
 +
 +
Մինչդեռ հիմա մեր կառավարությունը հինգ հարյուր ռուբլի եկամուտ բերող այգիի մը վրա հայրուր ռուբլի տուրք կդնե, և այգիեն հրաժարվող, պետությանը նվիրել ուզող այգետերեն կպահանջե նաև, որ իր գրպանեն վճարելով նաև նոտարին ծախսերը՝ դափուն իր վրա դարձունե, և ինքն ալ մնա այգու մեջ աշխատե ու ծառերին հասույթը ամբողջովին հանձնե պետությանը։
 +
 +
Այսպես ուրեմն, անարդարությունը քարացած երևույթ չէ և էվոլյուցիայի ենթակա, մնացյալ բոլոր երևույթներու օրինակով։
 +
 +
Համեմատաբար ասիկա ալ խճով օրենք է։ Կրնա ըլլալ, որ օր մըն ալ կառավարությունը առանց մեկի մը այգի հանձնելու՝ պահանջե պտուղ իր կոնսերվի գործարանին համար։
 +
 +
Անպատճառ պտուղի համար այգի՞ ըլլալու է։ Հապա անհատական նախաձեռնությունը դադրեցա՞վ, կնշանակե, պետք գալեն․․․
 +
 +
⁕ ․․․Ի՜նչ խորամանկն է սա մեր բանկոոպի «կասսիրշան»։ Դիտմամբ ճաղերը վերցուցեր է, որ հաճախորդները իրեն սղմվին․․․
 +
 +
Բայց սատանան մտնե տունս, եթե ես հինգ մեթրոյեն ավելի մոտիկնամ իրեն․․․ այնքան տգեղ է․․․
 +
 +
<b>Շաբաթ 8.</b> ― Որ օրաթերթը վերցնես՝ «Բամբակի քաղհան» է այսօր։ Երկաթուղու կայարանին մեջ «բամբակի քաղհանի կերթան» ըսողները, առանց հերթի տոմսակ կառնեն։ Այդ պատճառով ալ չեղավ ճամբորդ մը, որ «բամբակի քաղհանի» չերթար։
 +
 +
Երիտասարդ մը միայն, ուզելով շեղել ձանձրալի շաբլոնեն՝ «բուրդի քաղհանի կերթամ» ըսելով՝ ամենեն առաջը կեցավ։
 +
 +
― Բուրդի քաղհա՞ն․․․ ― դարձավ տոմսավաճառը երիտասարդին տարակուսած ու հարցուց․
 +
 +
― Որտե՞ղ կուսանես։
 +
 +
― Ես, Հայ․ պետհամալսարանն եմ ավարտած, ընկե՛ր։
 +
 +
― Ա՜, ― վրա բերավ տոմսավաճառը միամտված։ ― Ճիշտ է, այդ համալսարանն ավարտողը բոլոր իրավունքն ունի բուրդը քաղհանելու։ Համեցե՛ք, ընկե՛ր, ― ըսավ մարդն ու տոմսակը կնքելով՝ իրեն պարզեց։
 +
 +
⁕ Բծավոր տիֆը, տեսնելով, որ Չեկան բանտերը սաստիկ լեցուցեր է ու մենակ չի կրնար կոտորել, բուքսիրի իրավունքով օգնության է հասեր։
 +
 +
Բոլոր բանտարկյալները երկու հավասար մասի է բաժանված հիմա։ Անմեղներուն Չեկան կսպանե՝ մեղվորներուն՝ տիֆը․․․
 +
 +
<b>Կիրակի 9.</b> ― Մեր մեջ, ով սխալմամբ ոտանավոր մը գրե, գրողներու ցանկը կանցնե, և քսանհինգ տարիեն իր հոբելյանը կկատարվե։
 +
 +
Դեմիրճյան Դերենիկը, որ ընդամենը հինգ տարի է գրեր իր կյանքին մեջ, և երեսուն տարի լռեր՝ այսօր Խորհրդային կառավարությունը փոխնակ անոր լռելու հոբելյանը կատարելու՝ գրելու երեսունհինգ ամյակը կտոնե։
 +
 +
Եվ շատ իրավունք ունի մեր կառավարությունը։
 +
 +
Մեզ մոտ բանաստեղծներու լռությունը շատ ավելի պետք է քաջալերել, քան խոսելը։ Ու եթե ես հարուստ ըլլայի՝ փառավոր հիսունամյակը կտոնեի մեր այն բանաստեղծեն, որ խոստանար երբեք չգրել․․․
 +
 +
⁕ Այսօր երկու տեսակ կերակուր կերա։ Այսօր ճաշեն հետո մինչև իրիկուն՝ կեցցե՜ Խորհրդային իշխանությունը, բայց իրիկունը, երբ կսկսիմ մտածել ազատ, ու չի թույլատրեր՝ կորչի։

15:07, 20 Մայիսի 2017-ի տարբերակ

Մահապուրծ օրագիր

հեղինակ՝ Լեռ Կամսար
աղբյուր՝ «Մահապուրծ օրագիր»

1925 թվական

Չորեքշաբթի 20. ― Դեպքերը կսկսին ահավոր դառնալ։ Չարձանագրել դեպքերը կնշանակե անելին առջև դնել այն պատմագրին, որ ապագային պիտի ցանկա մեր օրերու պատմությունը գրել։ Ուստի այս օրվնե ձեռք կառնեմ գրիչը՝ գրելու օրը օրեն պատահածը, հաճախ պատահեցնելու նաև չպատմածը։

Հինգշաբթի 21. ― Ճապոնիո մեջ մեծ հեղեղում ու երկրաշարժ։ Գետերը ետ կերթան, ծովերը առաջ կուգան, հրդեհ ու անլուր աղետ։ Բայց Ճապոնիան այնքան բարձր օգնություն չկանչեց աշխարհին, ինչքան այսօր կինս՝ ինձի։ Շաքարամանը մրջյուն է քաշվեր, հեշտ բան չիմանաք։ Աղետը անով է մեծ, որ ես եթե ցանկայի, կրնայի կանխել ու չեմ կամեցած։ Գործս թողած՝ աղետին վայրը կփութամ։ Ութը մրջյուն շաքարամանին մեջ կշարժեն, ու զարմանալու ոչինչ կա, բայց պիտի զարմանամ, ի՞նչ ընեմ։ Չորս մրջյուն ալ ճիգ կգործեն վարեն բարձրանալու․ զայրանալու չէ, բայց պիտի զայրանամ, ի՞նչ ճար ունիմ, խոմ ձեռներս ծալած դիտելու չե՞մ կանչված աղետը։ Ես չեմ կրնար ջրկիրին պես անկարեկից, դույլը վերցնել ու ջրի երթալ, իրավունք չունիմ կառապանին պես կառքը քշել֊անցնել պատուհանի տակեն։ Ի՜նչ անամոթություն, հարևանուհիս այնպես անվրդով կուրծք կուտա իր մանկանը, ըսես մեր շաքարամանը մրջյուն քաշված չըլլա։ Բայց․․․ բայց սա Հայաստանի կառավարությունը ի՞նչ կխորհե, ինչո՞ւ չի ուզեր նոր «հաղթանակ» մը տանել՝ լիկվիդացիայի ենթարկելով աղետը։ Չի՞ տեսներ, որ ութը մրջյուն արդեն շաքարամանին մեջ են ու չորսը բարձրանալու կմիտեն։ Օ՜հ, Աստված իմ։ Այսքան խոշոր աղետը մեր պզտիկ դուռնեն ինտո՞ր ներս մտավ։

Հինգշաբթի 23. ― Նոր դեկրետ։ Ով գլուխ ունե՝ հարկ պիտի վճարե կառավարությանը։ Դեկրետը, սակայն, անորոշ կետեր շատ ունի։ Օրինակ՝ հարկը գլխո՞ւն վրա կդրվե, թե՞ խելքին։ Պարապ գլուխները նույնպե՞ս հարկի ենթակա են, գլուխներ, որք ոչ մեկ շահ բերած են տերերուն։

Եկամտային, հավասարեցուցիչ, քաղաքացիական, գյուղացիական, գիլդի, փաթենթ, թաղային, հողային, կավային, ավազային տուրքերու ատեն աղքատներն ի նկատի են առնված միշտ։ Արդ, պատճառ մը կա՞, որ նույն կառավարությունը հարկառության ժամանակ անտես առնե մտքով աղքատները։

Ուրբաթ 24. ― Նոր ռեժիմը ամեն բանի մեջ «նոր» մը դրավ։ Երեկ գացի տեսնելու թատրոնին «նորը»։ Ներկայացուցին «Քաջ Նազարը»։ «Նորը» սա թատրոնին մեջ այն էր, որ 80 տարեկան ծերունիները կվազվզեին բեմի վրա 10 տարեկան մանչերու պես։ Եթե ծերոց վազելն է «բնականը», կնշանակե ծերունի մայրս անբնականության մեջ է, որ չի կրնար վազել։

Դարձա մորս ըսի․

― Մա՛յր, ձեռնափայտդ դեն ձգե ու վազե, չէ նե կկանչեմ պետթատրոնին ռեժիսորը, որ վազցնե քեզի։

Շաբաթ 25. ― «Խորհրդային Հայաստանին» մեջ սա ամիս մըն է դաշնակցությունը ամեն օր կմեռնե։ Թերթին խմբագրությունը ամիս մը շարունակ կմեռցնե, և ըստ երևույթին երկու ամսվան ալ մեռցնելիք ունի։ Ըսողներ կան, թե քանի բոլշևիկյան կառավարությունը ողջ է, դաշնակցությունը պիտի մեռնե․․․

Չեմ գիտեր կուսակցականորեն արդարանալի՞ է այս վարմունքը, գիտեմ միայն՝ տնտեսապես միանգամայն անհնար է, վասնզի յուրաքանչյուր մեռնելը նյութական մեծ ծախսերու կապված է։ Դաշնակցությունը որքա՜ն հարուստ պիտի ըլլա, որ ամեն օր մեռնելու կարողություն ունենա․․․

Կիրակի 26. ― Այսօր մեր հավը չածեց։

Երկուշաբթի 27. ― Անգլիա ամիս մը առաջ Եգիպտոսին հագցուցած «անկախությունը» այսօր կհանե։ Անգլիական բոլոր թերթերը լայն կգտնեն այն ու կառաջարկեն նեղցնել։

Երեքշաբթի 28. ― Ես իմ գլուխը յուր բոլոր սարոք վարձու կուտամ, կծախեմ նույնիսկ։ Ներկա կարգերու մեջ ապրողի մը համար մարմնույն այդ մասը ոչ միայն ավելորդ է, այլև վնասակար։

Ինչո՞ւս է պետք գլուխ․ ինչ պետք է գիտնալ՝ Լենինը գիտցեր է արդեն, ինչ պետք է լսել՝ անիկա ըսեր է։ Չկա բան մը, որ այդ մեծ մարդը տեսած չըլլա, չկա բան մը, որ կերած չըլլա։ Փորձածը նորեն կրկնել ժամավաճառություն է։

Անցյալ օրը բաղնիսին մեջ, երբ քիսաճին եռման ջուրը գլխուս թափեց, ու կպատրաստվեի խաշվել, երբ Լենինի անունով հավատացույց, որ սառն է, մրսեցի։

Այո՛, գլուխս վարձու կուտամ։ Օր մը չգիտությամբ հանկարծ կարծեմ բան մը, որ Լենինը չի կարծած՝ Չեկա՞ նստիմ։

Կուտամ։ Առեք։ Ձրի։ Բան մալ վրան կուտամ, միայն ինձի ազատեցեք այս վնասակար մասեն։

Չորեքշաբթի 29. ― Կարդացի նոր թերթը։ Դաշնակցությունը այսօր չի մեռեր։ Ինչո՞ւ։

Այս կուսակցությունը արդեն բանի մը մեջ հարատևել չի գիտեր, օր մը մեռցնել, օր մը կենդանի թողել ի՞նչ կնշանակե։

Ուրբաթ 31. ― Խորհրդային Ռուսաստանը հարուստ է իր ոսկու հանքերով ու կոմունիստական գաղափարներով։

Ճապոնիա ամեն անգամ, երբ Սախալին կուգա ռուսական ոսկին տանելու, Ռուսաստանը բեռը Ճապոնին կռնակը հանելուն՝ քիչ մըն ալ կոմունիզմ կթխմե։ Իսկ Ճապոնիան սահմանագլխին, կամացուկ մը, կոմունիզմը վար կթափե՝ ոսկին կտանե։

Այս է պատճառը, որ հետզհետե Ռուսաստանին մեջ ոսկին կպակսի՝ կոմունիզմը կավելնա։

Շաբաթ 1․ ― Բարեկամս կգանգատեր, որ կոշիկը ծակվեր է, ու միջոց չունի նորը առնելու։ Խորհուրդ տվի իրեն ժողովրդական որևէ կոմիսար դառնալ։ Ինչո՞ւ՝ հարցուց ան։ Վասնզի այլևս կոշիկի պետք չես ունենար, օրը մինչև իրիկուն օթոմոբիլի մեջ անցունելուդ համար։

Կիրակի 2. ― Ամեն անգամ երբ փողոցին մեջ Գրիգոր Վարդանյանը կտեսնեմ, կխորհեմ՝ Արարատ գործարանը իր հին գինիները ինչո՞ւ չի լեցներ սա հին տիկին մեջ․ չէ՞ որ այլապես տիկը կպատռի ու գինին կթափվի․․․

Երկուշաբթի 3. ― Խումբ մը մանուկներ հավաքված, ինքզինքնին պրոլետ գրող կանվանեն ու ոտանավոր կգրեն։ Թող գրեն, բարով գրեն, եթե չկարդալու համար է։

Սակայն, այսօր կըսեմ, որ խնդրանքով մը դիմել են կառավարությանը՝ պահանջելով 15 տարի բանտ ուղարկել այն ամենուն, որք չեն կարդար իրենց գրածները, 50 տարի բանտ անոնց, որք կկարդան ու չեն հիանար, իսկ բոլորովին չհավնողներուն՝ 100 տարի, չհաշված նախնական կալանքը։ Այդ վճիռը կուզեն, որ ըլլա անբեկանելի․․․

Յա՞։ Որ ոչ լվիցի ակամբ՝ ՝ լվիցի թիկամբ։

Երեքշաբթի 4. ― Անգլիացի գիտնական մը, որի անունը մոռցեր եմ՝ կըսե․ «Շարունակ մեկ բան տեսնելը, ոչինչ տեսնել կնշանակե»։ Եթե այս բանաձևն ընդունենք, պիտի ընդունենք նաև, որ Խորհրդային Միության մեջ ապրողները կույր են, վասնզի Լենինի պատկերեն զատ բան մը չեն տեսներ, և խուլ՝ ինչու որ լենինիզմեն զատ ուրիշ բան չեն լսեր։

Չորեքշաբթի 5. ― Թերթեն կիմանամ, որ Սամաղարի բջիջը քներ է։

Հինգշաբթի 6. ― Աշտարակի բջիջն ալ է քներ։

Ուրբաթ 7. ― Ղամարլուինն ալ։ Ի՞նչ բան է աս։ Ժամը քանի՞սն է, որ բոլոր բջիջները կպառկեն։

Բայց թող քնանան, արթնցնելու չէ։ Սոցիալիզմն երազին մեջ ավելի շուտ կիրականանա, քան հարթմնի։

Շաբաթ 8. ― Երբ կմտնեմ մասնավոր խանութ մը գնում կատարելու՝ հաճույք կպատճառեմ խանութպանին, իսկ երբ կոոպերատիվ կերթամ՝ տհաճություն կկարդամ գործակատարին դեմքին վրա։

Իսկ ես այնքա՜ն բարի եմ, որ մեկի մը նեղություն չտալու համար կոոպերատիվ բնավ չեմ մտներ։

Կիրակի 9․ ― Պարտեզիս մեջ երկու հավ կուտի մը վրա կկռվեին․ քաղաքացիական կռիվ, անշուշտ, վասնզի միևնույն ազգության պատկանող թռչուններ էին։ Ժամ մը ամբողջ դիտեցի մարտը, գիտնալու համար, թե ի՞նչ կուսակցության կպատկանեին հակառակորդները, կամ ի՞նչ համոզում կպաշտպանեին, վասնզի կենդանի մը ինչքան ալ անպատկառ ըլլա՝ չի խոստովանի, որ կռիվը կուտի համար է։

Բոլշևիկներուն անգամ եթե հարցնեք, պիտի ըսեն, թե այս բոլոր սպանությունները, կողոպուտները ու ծանր հարկառությունը ժողովրդին երջանկությա՜նը համար կգործենք։

(Փակագծի մեջ ըսեմ, որ հիմա սովորություն չկա իր համար աշխատելը՝ միայն ուիշի։)

Կռիվը վերջացավ, ու ես մինչև վերջն ալ չկրցի գիտնալ, թե հավերես ո՞րն էր բոլշևիկ, ո՞րը մենշևիկ։

Երկուշաբթի 10․ ― Ձեռքս ընկավ Լենինի կենսագրականը․ ի՜նչ թանկագին մանրամասներ մեծ վարպետին կյանքեն։ Միակ կետը, որ մութն է թողեր գրքին հինակը, այն է՝ թե ինչո՞ւ Լենինը մե՛րթ սրածայր կոշիկ կհագներ, մե՛րթ բութ ծայրով։ Վերջապես մասսան պիտի իմանա՞, թե իր առաջնորդին նախասիրությունը որո՞ւ կողմն է։

Երեքշաբթի 11. ― Եվրոպական գլխարկ է, որ կհոսե Տաճկաստան։ Այնպես, ինչպես ժամանակ մը կարմիր ներկ՝ հեղափոխական Ռուսիա։

Ես միշտ ըսեր եմ՝ եթե այս զույգ հեղափոխությունները ուրիշ որևէ օգուտ չունենան մարդկության համար՝ գլխարկ և որդան կարմիր պատրաստող գործարանները աղեկ պիտի շահեն։

Մուստաֆա Քեմալը նախքան Թուրքիո ազգաբնակչության թվով «շապխա» ապահովելը, դեկրետով մը թուրքական ֆեսերը վար առնել կուտա սա ձյուն ձմռան։ Այս առթիվ հեռագիրը կըսե, թե սովորական բան է այսօր Թուրքիո մեջ տեսնել երկու մարդ, որք կպտտեն մեկ «շապխայի» տակ։

Ինչքան ալ տխուր ըլլա՝ երկու գլուխ մեկ գլխարկին մեջ, սակայն փաստն այն է, որ Թուրքիա այսօր քաղաքակիրթ ազգերու կարգը կանցնե․․․ գլխարկով։

Չորեքշաբթի 12. ― Ռուսաստանը Գերմանիո Լոկարնոյի կոնֆերանսն երթալն արգելելու մտոք Չիչերինին Բեռլին հյուր ղրկեց։ Հյուրընկալը, սակայն, առանց իր որոշումը փոխելու, ռուս արտաքին գործերու կոմիսարին հյուրանոցն առաջնորդեց, ալբոմը դրավ առջևը քրքրելու, արտաքնոցի տեղը ցույց տվավ ու գնաց Լոկարնո, ռուսներու դեմ հանված որոշումներում մասնակցելու։

Եթե Գերմանիա անհատ ըլլար, այլ ոչ թե պետություն՝ պիտի ըսեինք․

― Գերմանիա, ի՞նչ անքաղաքավարի մարդ։

Հինգշաբթի 13. ― Ձեռքս կառնեմ այսօրվա լրագիրը՝ Փարաքարի կոմբջիջը քներ է, Շահապի գյուղխորհուրդը պետք է թարմացնել, Բասարգեչարի բանկոոպը իր կոչման բարձրության վրա չէ, այլ իր կոչման ցածրության վրա, Գյամրիզի գյուղկոոպը թալանվել է, դաշնակցությունը մեռեր է․․․ սա կարծես երեկվա նոմերը ըլլա։ Բայց ո՜չ, երեկի թիվը 173 էր՝ այսօրվանը՝ 174: Երեկ Դողսի կոմբջիջն էր քներ, այսօր՝ Փարաքարինը, երեկ Քանաքեռի բանկոոպը իր կոչման բարձրության վրա չէր, այսօր՝ Բասարգեչարինը․ երեկ Թեչբաբակի գյուղկոոպը թալանվել էր, այսօր՝ Գյամրիզի։ Միայն դաշնակցությունն է երեկի պես «մեռեր․․․»

Ուրբաթ 14. ― Լուսբաժինը պաշտոնե արձակեց այն ուսուցչին, որ համարձակվեր է ապտակել անսանձ աշակերտի մը։

Կհարցնեմ։

Դպրոցին մեջ ապտակ մը թույլ չի տվող կառավարություն մը ինչպե՞ս է, որ այդքան մահապատիժներ կստորագրե։ Մի՞թե դպրոցն ու կյանքը այդքան հեռու են ընկած իրարեն։ Ոչ, դպրոցն ու կյանքը պիտի ներդաշնակվեն ու կազմեն իրարու օրգանական շարունակությունը, այսպես կըսեն բոլոր մանկավարժները։ Եթե այո, ուրեմն կամ կյանքը քնքշացնելու է, կամ դպրոցը խստացնելու։ Ըստ իս՝ բնավ դատապարտելու չէ ուսուցիչ մը, որ կվիրավորե աշակերտին անվնաս տեղանքը։ Պետք է կյանքի համար տոկուն, սրտոտ աշակերտություն պատրաստել։ Այս է ներկա դպրոցին հրամայական պահանջը։

Շաբաթ 15. ― Անցյալ օրը, երբ ըսի Թուրքիո մեջ երկուսը մեկ գլխարկ ունին, զարմացաք։ Ի՞նչ պիտի ընեք այսօր, երբ հայտնեմ, թե Լենինի օրոք ողջ բոլշևիկյան կուսակցությունը մեկ գլխով կպտտեր։

Գլուխներու «էկոնոմիկա»․․․

Սակայն փա՜ռք այն օրվան․ թող ըլլար, թող մեկ գլուխ ըլլար․ հապա ի՞նչ ընե խեղճ կուսակցությունը, որ Լենինի մահեն ասդին․․․ անգլուխ կպտտե։

Կիրակի 16․ ― Բոլշևիկյան կուսակցությունը, որ իր թշնամիները սարսափահար վախցուց, այսօր կկզած կդողա ներքին տարաձայնութենե։ «14֊րդ կուսակցական համագումարին մեջ․ ― կը գրե թերթը, ― երբ Ռիկովը խոսեցավ հօգուտ միասնականության, պատգամավորները երեսնին դեպի ամբիոնը դարձուցած միաձայն «Ինտերնացիոնալ» երգեցին»։

Չեմ գիտեր․ գուցե միաձայնությունը կուսակցության համար անհրաժեշտ է, բայց գիտեմ, որ երաժշտության մեջ այնքան ալ գովելի բան մը չէ։ Ինձի, օրինակ, քառաձայնը ավելի ախորժալուր է, քան միաձայնը։

1926 թվական

Երկուշաբթի 17․ ― Փոքրիկ տղաս օրն ի բուն կճռվողե, բայց րոպե մը, որ ձայնը կտրեց, մայրը, գիտնալով պատճառը, քովը կշտապե․ «Աշոտիկ, ա՞յ կընես» ըսելով։

Իտալիան, որ ժամանակ մը Մուսոլինո բերնով կճռվողեր Անգլիո և Ֆրանսիո հետ, սա չորս ամիս է ձայնը կտրեր է։ Անպատճառ «այ» կընե։

Թերթերը կըսեն թե, մութին մեջ Խորհրդային Ռուսաստանին դուռները կփնտրե։

Այսօր կնկատեմ, որ կինս բարկանալու կարիք ունի, բայց պատճառ չկա։

․․․ Ճշմարիտ է, հնազանդ ամուսին ըլլալն աղեկ բան է, բայց ես չափազանցության կտանեմ։ Կզգամ, որ գեթ ամիս անգամ մը պետք է առիթ տամ կնոջս բարկանալու, եթե չեմ ուզեր, որ ճաթի։ Ամուսիններն, ըստ իս, բավարարելու են փոխադարձաբար բոլոր պահանջները։ Որո՞ւ երթա խեղճ կինս պատճառ խնդրելու՝ բարկանալու համար։ Կմոտիկնամ իրեն․

― Կինս, քաղցրիկս, եթե ժամանակը եկեր է, թափի՛ր, ի՞նչ ընենք, որ պատճառ չկա։ Բարկացիր առայժմս, ես վերջեն պատճառը կուտամ։ Մեր բանտերը եթե կանխիկ գործ բռնեին՝ այսօր ոչ մեկ բանտարկյալ պիտի չունենային մեջներին, բայց ի՜նչ, անոնք բերնե բերան կլցվեն այն պայմանով, որ դուրս գալեն զկնի կատարեն պիտի եղած հանցանքը։ Բարկացի՛ր․․․ և վերջապես ի՞նչ նախապաշարում է անպատճառ պատճառ մը փնտրել բարկանալու համար․․․

Երեքշաբթի 18․ ― Ռուսական կոմունիստական կենտրոնական կոմիտեն մերժեր է համագումարին մեջ լսել այն մարդոց, որ կամեցեր են լենինիզմի սխալ կետերը մատնանշել, հետևապես և ուղղել։

Համագումարը քաջալերեր է Կենտկոմին այս արարքը։

⁕ ․․․Եթե կաթոլիկ հոգևորականությունը այնպես փակեր Գալիլեյի բերանը, ինչպես այսօր Կենտկոմը կփակե, հիմա ոչ թե երկիրը պիտի դառնար արևին շուրջը, այլ արևը պիտի շարունակեր պտտել երկրի բոլորտիքը։

<b<Չորեքշաբթի 19.</b> ― Երևանի սափրիչներու 2֊րդ արտելի աշխատավորներեն մեկը կտրեր է անկուսակցական հաճախորդի մը ականջը։

― Է՜յ, զգույշ ականջներու հետ, ընկե՛ր սափրիչ։ Եթե յուրաքանչյուր սափրիչ ականջ մը կտրե, ժողովուրդն ինչո՞վ պիտի լսե այն ճառատարափը, որ կխոսվի «պլենար նիստերու», «համագումարներու» և «կոնֆերասներու» մեջ։ Ինչպե՞ս ունկնդրե այն «զեկուզումները», որ կարտասանվեն պատշգամբներեն, պատերու վրայեն, տանիքներեն, ամբիոններեն, աթոռներու վրայեն (վերջապես գետնեն թիզ մը բարձր բոլոր տեղերեն)։

― Խորհրդայի՛ն սափրիչ, զգո՜ւյշ՝ քեզի կըսեմ։ Կառավարությունը այսօր խոշոր մաքսեր կնշանակե քաղաքացոց բերնին վրա, որ չխոսեն ու արտոնություններ կշնորհե ականջներուն, որ լսեն․․․ իսկ դուք ականջ կկտրեք։

Եթե անպատճառ բան մը կտրել կուզեք, գեթ ժողովրդին լեզուն կտրեք, որ տիրող կուսակցության բոլոր անարդարությունները «արդար» ըլլան։

Հինգշաբթի 20. ― Կկարդամ Դարվինի տեսակներու ծագման թեորիան, ուր կճառե, թե կենդանիները նախնական շրջանին միատեսակ են եղեր, ապա հետագային տարբեր միջավայրերու մեջ ապրելով, փոփոխության են ենթարկվեր ֆիզիկապես ու դարձեր իրարմե բոլորովին տարբեր տեսակներ։ Առհասարակ, կավելցունե գիտնականը, կենդանին այն անդաման է ենթակա զարգացման, որով ան հաց կվաստակե։

Ահավո՜ր թոքեիա։

Եթե սա թեորիան ճշմարիտ ըլլա, տարիներու ընթացքին Խորհրդային Ռուսաստանին մեջ պիտի առաջ գա երկու ուրույն տեսակ․ բոլշևիկներ, որք ունենան միայն լեզու և անկուսակցականներ, որք ունենան միայն ականջ։ Առաջին տեսակը պիտի ունենա երկու սատմոքս՝ այնքան ուտելիք ունի, երկրորդ տեսակը ոչ մեկ ստամոքս՝ այնքան ուտելիք չունի։

Ուրբաթ 21. ― Հրապարակեն անցածս ատեն, տեսա զինվորական մը, նժույգի մը վրա բազմած, աջ ու ձախ խրոխտ նայվածք նետելով կանցներ՝ «խաբարդա» ըսելով։

Կեցա ու երկար անցնողին ետևեն նայեցա․ «խաբարդա», որովհետև ձին գեցի՞կ է, թե՞ «խաբարդա», որովհետև ինքը կարևոր մեկն է։

Շաբաթ 22․ ― Կըսեն, թե ռուս֊հայ բառարանին հեղինակ Դաղբաշյանը մտադրված է երկրորդ հրատարակությունն ընել իր բառարանին՝ կարևոր փոփոխություններով։ Իզուր կշտապե Դաղբաշյանը։ Խորհրդային Միության մեջ սոցիալիզմի իրականացումը օրերի խնդիր է այլևս։ Արդեն Խարկովի գործարանը օրական 300 մետր կտավ կգործե։ Շուտով մենք թևակոխելու ենք նոր հասարակարգ, ուր արդեն գործածվող բառերու 90 տոկոսը ավելորդ է, հետևապես անգործածելի։ Ապագա բառարանին մեջ, օրինակ, տեղ չունին «հարուստ֊աղքատ», «թշվառ֊երջանիկ», վասնզի բոլորն են երջանիկ․ «տգետ֊լուսավոր»․ ինչու որ բոլորն են լուսավոր, «գեղեցիկ տգեղ», «հաստ֊բարակ», «լայն֊նեղ», «գեր֊նիհար», «մաքուր֊կեղտոտ», «շատ֊քիչ», «տաք֊պաղ», «չար֊բարի», «ստոր֊ազնիվ»։

Եթե սա հակադիր գաղափարներեն որևէ մեկը գոյություն ունենա, հավասարությունը կխաթարվե ու մարդիկ նորեն պիտի սկսին տառապել կապիտալիստական կարգերու մեջ։

«Միջակ» բառը կմնա հարկավ, բայց մեկ բառով բառարա՞ն կկազմվի։

Չէ՛, իմ կարծիքով Դաղբաշյանը քիչ մըն ալ սպասելու է։ Գուցե այդ երանավետ հասարակարգին մեջ բառի բոլորովին պետք չկա, ալ ի՞նչ բառարան։

Կիրակիի 23․ ― Հիվանդ եմ։ Մասնավոր բժիշկ չեմ ուզեր կանչել, վասնզի ապրելու փափագս մեծ չէ։ Լուր կուտամ, որ գա պետական բժիշկը։

Կանչեցի ու զղջացի։

Ինձ տես եկած բարեկամ մը կպատմե, որ ատ բժիշկները սաստիկ կբարկանան, երբ կանչվեն անանկ հիվանդի մը, որ սաստիկ ծանր չէ, ու հույս կա ապրելու, ու կպատմե հետևյալը։

Վեց օր առաջ, խեղճ շալագործ մը կհիվանդանա, ու իբրև պրոֆմիության անդամ, կկանչե պետական բժիշկը։ Բժիշկը, գալով, սաստիկ կբարկանա, թե ինչո՞ւ կանչեր է զինքը, թե հիվանդությունը թեթև է, և կրնար հիվանդը իր ոտքով բուժարանը գալ։ Ու առանց դեղգիր տալու, սրդողած կձգե կերթա։

Բժիշկին մեկնելեն կես ժամ ետքը, հիվանդը իր գործած սխալը շտկելու համար․․․ կմեռնի։

― Է՜, եթե մեռնելով կարելի է սխալը շտկել, ան ատեն շատ վախնալու չեմ, ― ըսի, ― աջ կողքիս վրա շուռ գալով կրնամ հիմա իսկ մեռնիլ։

― Օ՜, ի՞նչ կընես, ― գոչեց անդիեն կինս սարսափած, ― կուզես ինքդ ազատվես, մեզի՞ կրակի մեջ նետես, ― բժիշկը չի՞ ըսեր՝ եթե մեռած էր ինո՞ւ կանչեցիք․․․

Երեքշաբթի 2․ ― Ութ օր բժշկի սպասելով, ճարահատ առողջացա։ Հասցես կորսնցուցեր էր բժիշկը, ինչպես ետքեն իմացա։

Չորեքշաբթի 3. ― Աշակերտ ժամանակս, մեր բնագիտության վարժապետ Տերյանը կպատմեր հետևյալը։ Ֆրանսան, կըսեր, որպես զինվորական գաղտնիք, իր հրացաններու ութ մասերը ութ տարբեր քաղաքներու մեջ շինել կուտար։ Պատերազմի ատեն միայն այդ տարբեր մասերը տարբեր քաղաքներե բերել տալով՝ կրակ կբանար թշնամու վրա։

Ամեն անգամ, երբ Հայաստանի կառավարության անդամներեն որևէ մեկին հետ գործ ունենամ, միշտ սա ֆրանսական հրացանին պատմությունը կհիշեմ։

Եթե կառավարության անդամ կոմիսարի մի բարև տաս, անկարելի է, որ «Աստծու բարին» ըսե՝ առանց «ընկերներու» կարծիքը առնելու։ Եվ որովհետև «ընկերներու» շարանը վերջ չունի, բարևդ տուր ու գնա, տարի մը ետքը եկուր պատասխանն առնելու սա կոտորակ կոմիսարներեն։

Կատարյալ ֆրանսական հրացան, միայն սա տարբերությամբ, որ մինչ հրացանին ութ մասերը իրար քով պիտի բերվի գնդակ մը արձակելու համար, հոս քսանութ «ընկեր» պիտի քով֊քովի գան՝ կարծիք մը կրակելու համար։

Հինգշաբթի 4․ ― Սև ծովի ափին, Սուխում քաղաքին մեջ կա սանատորիա մը, որ Մոսկվայեն բուժվելու կղրկվին բոլոր անոնք, որք Կենտկոմին մեջ անկախ կարծիք կհայտնեն։ Անցյալ ամռան Տրոցիկին անանք կարծիք մը հայտնեց, որ երեք ամսեն հազիվ բուժվեցավ։

Այս տարի Զինովևն ու Կամենևն ալ կուզեն տարբեր կարծիք հայտնել, առանց ստուգելու, թե սանատորիային մեջ պարապ մահճակալ կա՞։

Կմտածեմ։ Շատ աղեկ, կըսեմ, Ռուսաստանին գործը դյուրին է․ տարեկան հազիվ երկու ազատ կարծիք հայտնվե երկրին մեջ, ու երկու ազատ մահճակալ միշտ կարելի է ճարել Սուխումին մեջ․ ի՞նչ պիտի ըլլա Եվրոպայի դրությունը, ուր ամեն մարդ ազատ կարծիք կհայտնե։

Ձեզի կհարցնեմ՝ Եվրոպա քանի՞ սանատորիա պետք է շինել տա Սև ծովի ափին՝ այդքան «հիվանդ» բուժելու համար․․․

Ուրբաթ 5․ ― Հայաստանի ժողովրդական կոմիսարներու նախագահ Կարո Համբարձումյանը սա երեք տարի է լույծ ունի։ Լույծ անանկ երկրի մը մեջ, որի կառավարությունը տարեկան14 հազար դեսյատին ճահիճ կչորցունե՝ միանգամայն անհասկանալի է։

Երկուշաբթի 8․ ― Ուրիշ է խիղճը, ուրիշ՝ ստամոքսը։

Առջի օր, առտուն, քունես վեր կելնեմ՝ պատրաստ բոլորին բարիք ընելու։ Կինս, սակայն, աջ ձեռքս դանակ մը կուտա, ձախը՝ ոտները կապած հավ մը, թե՝ մորթե․․․

― Սակայն ի՞նչ մեղադրական ակտի հիման վրա, ― կհարցնեմ կնկանս՝ աչքերուն մեջը նայելով։

― Մեղք չունի, ― կպատասխանե կինս։

― Մեղք չունի՝ չեմ մորթեր։ Ես «Չեկա» չեմ, ― ըսի, թռչունն ազատ արձակեցի ու դանակը պատյան դրի։

Ճաշին կինս կերակուր չէր պատրաստեր։ Պանիրով կշտացանք թեև, բայց տրամադրություննիս ինկավ առանց տաք կերակուրի։ Երեկոյան դեմ, անոթությանս հետ կաճեր նաև ատելությունս դեպի հավը, թե ինչո՞ւ անմեղ էր․․․

Մյուս օրն առավոտյան նամակով մը կկանչեմ Արամայիս Երզնկյանը, որ գա մեղադրե հավս՝ մորթելու համար․․․

Երեքշաբթի 9․ ― «Պրավդա» թերթին մեջ Ռուսաստանի տնտեսական գործերու վարիչը երկրի զարգացման հաշվետեսը կընե։ Ըստ այդ հաշվետեսին Ռոսիո արդյունաբերության բոլոր ճյուղերը նախապատերազմյանին չի հասեր դեռ։ Միայն «ապարատներու թերությունն» ու կոոպերատիվներու գողությունը նախապատերազմյանեն անցեր են։ Ու ասիկա ռուսերեն լեզվով՝ «վերելք» կկոչվի։

Չորեքշաբթի 10. ― Բարեկենդանի տոները կմոտենան։ Սազանդարները կլարեն սազերնին, բայց շվարած՝ չեն գիտեր ի՞նչ պիտի երգեն։ Հին, ազգային երգերը արգելված են, կառավարությունն ալ նոր, ապազգային երգեր չի հորիներ։

Կմտածեմ, ի՞նչ պիտի ըլլա այս տարի մեր ժողովրդյան դրությունը։

Հինգաշբթի 11․ ― Եթե Անգլիա Երևան գա ու տեսնե պետական գրախանութի ցուցափկին մեջ դրած ռուս հեծելազորի պետ Բուդյոնիին սրած, ահարկու պեխերը՝ Ռուսաստանի դեմ ամեն տեսակ ռազմական պատրաստությանց վերջ պիտի տա անմիջապես՝ համոզված ըլլալով, թե ասանկ պեխեր ունեցող հրամանատարի մը անկարելի է հաղթել։

Կըլսվի, թե պատերազմնին ատենը միայն կսրե իր պեխերը ռուս հրամանատարը։ Ի՜նչ զարհուրելի զենք։ Եթե Բուդյոնին Զվիցերիա մտնե ու կենա երեսը դեպի արևելք՝ պեխերեն մեկը Ֆրանսա մտնե պիտի, մեկալը՝ Իտալիա։

․․․ Եվ դեռ ըսողներ կան, որ Սովետական Ռուսիո մեջ պատերազմական տեխնիկան չի զարգացեր։

Ուրբաթ 12. ― Վերջերս համատարած սովորություն է դարձեր՝ Եվրոպայեն բանվորական ներկայացուցիչներ կուգան Ռուսիա, քանի մը շաբաթ կուտեն, կգովեն սովետական կարգերը ու կերթան։

Այսօրվա հեռագրով կիմանանք, որ Ավստրիո բանվորները կուզեն գալ՝ կառավարություննին չի ձգեր։

Չի՞ կարելի արդյոք՝ իրենց բաժինը կապել Ավստրիա ղրկել, որպեսզի հոն տեղնուտեղը ուտեն ու մեր կարգերը փառաբանեն։

Շաբաթ 13. ― Բարեկենդան է, այո՛, բուն Բարեկենդան, սակայն ոչ մեկը չի ուզեր թամադա ընտրվել ուրախության սեղանին։ Ինչո՞ւ, վասնզի այսօր Չեկա ծառայողներուն 90 տոկոսը թամադաներ են։

Ճշմարտությունը միայն երեխաներն ու խենթերը չէ, որ կըսեն, հարբածներն ալ նույն դժբախտությանը ենթակա են։ Ու կառավարությունը ամենայն աչալրջությամբ կփակե գինետունները, որ ոչ մեկը ճշմարիտ չզրուցե։

Կիրակի 14. ― Պառակտում ու աղմուկ։ Մոսկվայի մեջ Կամենևն ու Ստալինը պառակտված են իրարմե ու նիզակներ կճոճեն իրարու դեմ։ Հոս, Երևանի Պետհրատը իր գրախանութին ցուցափեղկին մեջ սա զույգ ախոյանները հաշտեցնելու և կուսակցությունը չպառակտելու համար անոնց պատկերները քով֊քովի է բերեր։

Այս համերաշխությունը խորհել կուտա ինձի, որ եթե կոմունիստական կառավարությունը կուզե ընդմիշտ ապահովված զգալ ինքզինքը կածիքներու տարբերութենե, եկող տարի՝ 15֊րդ համագումարին, իր համար ընտրելու է անանկ կոմիտե մը, որ բաղկացած ըլլա․․․ պատկերներե ու արձաններե։

Երկուշաբթի 15. ― Պրոլետ գրողներու ոտանավորներու մեջ բոլոր հարուստները և կուլակները դուրս են բերված մեծ, լոշտակ ականջներով, այլանդակ քիթերով ու ճարպոտ մարմիններով։

Եթե ճշմարիտ է, որ բոլոր հարուստները այդպիսի այլանդակ մարմին կունենան, ապա թողեք իրենց հանգիստ, վասնզի այդքան տգեղությունն արդեն կբավե իրենց՝ ատկե ավելին պատժելը անխղճություն ըսել է։

Երեքշաբթի 16. ― Հունաստանեն Հայաստան մեկնող 3000 հայ գաղթականները «Հարալամբո» նավեն հեռագրով մը կփառաբանեն Լենինը։

Հայաստանի կառավարությունը, եթե կուզե երկար ատեն Լենինը փառաբանված տեսնել, պիտի մաղթե, որ Սև ծովին մեջ փոթորիկ ըլլա ու նավը բնավ Բաթում չհասնի․ եթե ոչ, «Հարալամբոն» շուտ տեղ հասնելով, Լենինի փառաբանությունը նզովքի պիտի փոխվի եկողներու բերնին մեջ․․․

Չորեքշաբթի 17․ ― Մեր Գասպարը Չեկայեն ազատվեր էր երեկ՝ գացի որպիսությունը հարցնելու։ Հոն էր նաև իր բաժնված եղբայր Սամսոնը, որուն կպատմեր հետևյալը։

― Ախպա՛ր, ― կըսեր, ― ատ տարտարոսի որդիք օրական մեկ անգամ, տասը րոպեով միայն զբոսանքի կհանեին բանտարկյալները և կստիպեին անպատճառ ատ տասը րոպեն մեջ հոգալ բնական կարիքը։ Ատ բնական կարիքն ալ, սատանան տանի, մուսայի բնավորություն ունի․ երբ ուզես գա՝ չի գար, երբ բնավ մտքեդ չի անցներ՝ կելնի կուգա։ Է՛, ես ալ, դե գիտեք ազատության սովոր մարդ եմ․ մինչև տասն անգամ չխորհեմ հետևանքին վրա՝ գործ մը չեմ սկսեր։ Իսկ անոնք հանկարծ պետքարանին դուռը կբանան, թե համեցեք, հանպատրաստեն ձեր կարիքը հոգացեք։ Այս ըլլալի՞ք բան է։

― Այդ խորհրդային արտադրության հետ կապ ունեցող խնդիր է, ― ըսավ Սամսոնը, ― բնական է, որ ուզենան արտադրությունը հասցնել նախապատերազմյանի 100 տոկոսին։ Բայց եկուր տես, որ անցնող հոկտեմբերյան տոնին ինձի բեմը քաշեցին, թե պիտի խոսես հանպատրաստեն։

― Ասիկա առավե՜լ դժվար, ― վրա բերավ Գասպարը։

― Հազար անգամ, ― մեջ մտա ես, ― ինձի համար բյուր անգամ ավելի հեշտ է հանպատրաստի դուրս երթալ, քան խոսել չեղած ու չըլլալիք բաներու մասին․․․

Հինգշաբթի 18. ― Հաստատ աղբյուրե կիմանամ, որ մեռած դաշնակցությունը մտադիր է կենդանանալ՝ սա սովետական մամուլին ձեռքեն ազատվելու համար։ Ինչպես կերևի դաշնակցությունը, «մեռնելով» գաղութին մեջ, հավիտենական կյանք է ժառանգեր «Խորհրդային Հայաստան» օրաթերթին մեջ։

Ուրբաթ 19. ― Դիլիջանեն կգրեն․ «Ամսույս 12֊ին ընկեր Ա․ Մռավյանը, տեղս ժամանելով, զեկուցեց ու բանաձև դուրս բերավ օպոզիցիայի դեմ»։

Իջևանեն կգրեն․ «Ամսույս 13֊ին ընկեր Ա․ Մռավյանը, տեղս ժամանելով, զեկուցեց ու բանաձև դուրս բերավ օպոզիցիայի դեմ»։

Ղարաքիլիսայեն կգրեն․ «Ամսույս 14֊ին ընկեր Ա․ Մռավյանը տեղս ժամանելով, զեկուցեց ու բանաձև դուրս բերավ օպոզիցիայի դեմ»։

Հարց․

«Ընկեր Մռավյանին չէ՞ր կարելի փոխարինել արդյոք զեկուցող ու բանաձև դուրս բերող մեքենայով մը։ Եվրոպային մեջ, ասկե շատ ավելի պակաս կրկնվող բաներու համար մեքենաներ կշինեն»․․․

Կիրակի 21. ― Կոմունիստական կուսակցությունը սոցիալիզմին հասնելու համար ամսական մեկ ճանապարհով կվազե, ու ամեն անգամ տեսնելով, որ սխալ փողոց է մտել, հետ կուգա ու կսկսե մտածել։ Քերականության մեջ կա երկու տեսակ մտածել՝ նախադաս և հետադաս։ Նախադաս մտածելն այն է, որ նախ՝ կգործե, ապա կմտածե։

Խորհրդային Ռուսաստանը սովորաբար մտածողության երկրորդ ձևը կընտրե։ Եթե Լենինը նախ մտածեր, անկարելի էր, որ Հոկտեմբերյան հեղափոխությունը կատարվեր։

Շիտակը եթե կուզեք, այս կուսակցությանը մտածելը չի հարմարեր։

Երեքշաբթի 23. ― Սա եղավ շաբաթ մը, դաշնակցությունը օրը մեջ կմեռնի «Խորհրդային Հայաստանին» մեջ՝ ի՞նչ է պատահեր։

Միգուցե սահմանադիր ռամկավարներու հետ համաձայնության են եկեր, որ օր մեջ մեռնի։

Չորեքշաբթի 24․ ― Կըսեն սեռականը նույնպիսի բնազդ մըն է, ինչպես ուտելու բնազդը։

Ո՛չ։

Ինչո՞ւ մուրացկան մը ամենայն իրավունքով փողոցին մեջ «աղա՛, աղա՛, կոպեկ մը տա՜ս» կըսե ու «տիկի՛ն, համբույր մը տա՜ս» չի ըսեր։

Կամ ավելի պարզ։

Ինչո՞ւ ծածուկ ողորմություն տվող մը արքայություն կերթա, իսկ ծածուկ համբույր տվողը՝ դժոխք։

Հինգշաբթի 25. ― Այսօր Անդրկովկասյան կենտրոնական կոմիտեն կսկսե իր երկրորդ նստաշրջանը Երևանի պետթատրոնի շենքին մեջ։ Նիստեն ժամ մը առաջ սվինավոր զինվորները կշրջապատեն շենքը․․․ վախեն։

Հետո էլ Խորհրդային կարգ մը անխորհուրդ թերթեր չեն դադրեր գրելե, թե բոլշևիկ կառավարությունը սիրելի է ժողովրդին, կառավարիչները իր ծոցեն ելած են, ժողովուրդը կգուրգուրա անոնց վրա, զանոնք իր աչքերու բիբերուն նման կպահե, երբ նստեն վարիչները, ժողովուրդը գզած բամբակ կդնե տակները։

Գործը և խոսքը չե՞ն հակասեր իրար։

Չէ՛, կըսեն կոմունիստները։

Ան ատեն ստիպված ենք կարծել, որ ժողովուրդը այնպես կսիրե կառավարությանը, ինչպես կապիկները իրենց ձագերուն՝ կուզեն կրծքին սեղմելով․․․ մեռցնել։

Հիմա կհասկանամ, թե ինչո՞ւ հայկական պետական թատրոնը շրջապատված է ռուս զորքով։

Մինչդեռ այն հակաժողովրդական ու անպիտան դաշնակցականները դուռն անգամ չէին գոցեր նման ժողովներուն։

Բնական է, անոնց ո՞վ կսիրեր․․․

Ուրաբաթ 26․ ― Ամեն անգամ, երբ կոմունիստ մը մտնե Երևան, պրոֆմիությունը կոճակը կսեղմե ու բոլոր չեզոք պաշտոնեությունը, որ կատե կոմունիստը, պիտի շարքո՜վ անցնե «հյուրին» առջևեն ու «հարգանք» մատուցե։

Այսօր դուրս է եկեր նաև հայ զորքը իր թնդանոթներով ու գնդացիրներով ու զորանցք կկատարե։

Հայ ժողովուրդը կնայե հայ զորքին ու չի գիտեր՝ ի՞նչ գործ է ատ, որո՞ւ պիտի պաշտպանե՝ և որո՞ւ դեմ։

Շաբաթ 27. ― Կոմկուսակցությունը Եղիա Չուբարը Փարիզ էր ղրկեր՝ կոմունիստական գաղափարներ տարածելու գաղութահայության մեջ։ Չուբարը, սակայն, կես ճանապարհին ծոցատետրը կորսնցուցած ըլլալով, հեռագրով մը նոր դիրեկտիվներ կպահանջե Երեվանեն այն մասին՝ թե ո՞ր քաղաքը պիտի երթա ու ի՞նչ գաղափարներ քարոզե։

Կիրակի 28․ ― Եթե մարդս իր տեսած երազին համար ալ պատասխանատու ըլլար, հիմա ես Չեկա նստած պիտի ըլլայի։

Գիշերն երազիս մեջ երկիր մըն էի գացել, ուր մարդիկ ազատ էին (ի՜նչ խայտառակություն)։

Այնտեղ ինչ կարծիք ուզենայիր՝ կհայտնեիր (կարծիք չհայտնելու ազատություն ալ կար)։ Ուզեիր դաշնակցական ըլլայիր, ուզեիր՝ հնչակյան։ Դեպի սոցիալիզմ գացողները, երբ կես ճամբին սոցիալիզմեն դարձողներու հանդիպեն՝ սիրով գլխարկ կհանեին իրարու։ Լենինը ուզեիր կհարգեիր՝ չուզեիր՝ չէիր հարգի։ Տղա մը ծնվելուն՝ ծնողներեն էր կախված անունը որոշել։ Մարդիկ, երբ բանի մը մեջ համոզված չէին՝ չէին ըներ այդ բանը։ Սեփական դատողությանն այնքան տեղ կտրվեր, որ մարդիկ կափսոսային երկու գլուխ չունենալուն համար։ Երբ հայտնեցի, թե կուզեմ գլուխս ծախել, արմացա՜ն, զարմացան, ապշեցին ու չէին հավատար, թե մեր աշխարհին մեջ բոլոր մարդիկ միայն Լենինի գլուխովը կմտածեին։ Ինչո՞ւ, կըսեին, Խորհրդային Միությունը ավելորդ գլուխները չի արտահաներ մեր աշխարհ, առնենք քիչ մը մտածենք։ Չեմ գիտեր՝ կպատասխանեմ։

Այդ երկրի ազատությունը այնպիսի ծայրահության էր հասել, որ մարդիկ հացի նստելուն կամենային աջ կողմով կծամեին, կամենային՝ ձախ։

Կրնա՞ք երևակայել։

․․․ Սիրեցի՜ այդ երկիրը, կուզեի երկար մնալ հոն, բայց գիշերը լուսացել էր, պետք էր արթննալ։

Արթնցա։

Ափսո՜ս։ Երանի խորհրդային երկրներու մեջ գիշերը 23 ժամ ըլլար, ցերեկը՝ մեկ․․․

Երկուշաբթի 29․ ― Ձեռքս ինկավ Ռուսաստանի աշխարհագրության դասագիրք մը, որ շատ հին է։

Ինձի եթե հանձնարարվի կազմել նոր մը, այսպես կկազմեմ։

Ռուսաստանը, կըսեմ, անտառապատ երկիր մըն է։ Ցարի ժամանակ նշանավոր էր իր սպիտակ արջերով, խորհրդային տարիներում կարմիր թութակներով։ Այժմ Ռուսիո մեջ կհաշվվի մեկ միլիոն թութակ մոտավորապես, որք նույնությամբ կկրկնեն Լենինի ըսածները, շատերը՝ մինչև իսկ չասածները, այսինքն՝ այն խոսքերը, որ Լենինը պիտի ըսեր, եթե ողջ ըլլար։

Երեքշաբթի 30. ― Կոտայքի կեդրոնական կոոպերատիվը, որ սնանկացեր էր, 10 նոր ճյուղեր կբանա զանազան տեղեր։

«Ահա մեռյալ մը, որ կծնե», ― կըսեն չարախինդ մարդիկ։

Ինչո՞ւ տեսեր եմ մեռած կովեր, որոնց հորթերը ժամ մը ամբողջ ապրեր են մեռած մոր որովայնին մեջ․․․

Չորեքշաբթի 1․ ― Մինչ Եվրոպիո մեջ սպորտը կամրացնե խաղցողներու մարմինը, հոս, ընդհակառակը, կթուլացնե։ Ինչո՞ւ։ Վասնզի հոս երկսեռ խաղացողները իրենց անանկ բաներու մեջ կմարզեն, որ միայն վնաս կբերե իրենց։

Այսպես ամեն ուղիղ գաղափար սահմանեն ներս մտնելով մեզ մոտ կբեկվի ինչպես ձողը բաժակ մը ջուրի մեջ։

Ուրբաթ 4. ― Հայաստանի կոմկուսակցության մեջ երկու ամբողջական մարդ միայն գոյություն ուներ։ Մեկը Մյասնիկյանն էր, որ մեռավ, մյուսը՝ Լուկաշինը, որ կա։ Եթե կուսակցական մարդահամարը ինձի հանձնարարվեր, կգրեի․ «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ունի մեկ ամբողջ մեկ հազարերորդական մարդ»։

․․․Ամեն անգամ, երբ կտեսնեմ Համբարձումյանը Լուկաշինին աթոռին նստած, քերականության մեջ դերանունը կհիշեմ, որ կդրվի անվան տեղ․․․

Շաբաթ 5. ― Գիշերն երազիս մեջ (չեմ գիտեր՝ ինչ գործով) Հայաստանի գրաքննիչ Մելիքսեթյանի քովն էի։ Շեքսպիրը հարություն էր առեր, հայացեր ու եկեր էր արտոնություն առնելու, որ տպել տար իր «Համլետը»։

― Շեքսպիր Միքաելյա՛ն, ― պոռաց ցենզորը տետրակ մը հանելով գզրոցեն։

― Ես եմ, ― ըսավ Շեքսպիրը՝ վախվխելեն առաջ գալով ու իր հայացքը Մելիքսեթյանի վրա սևեռելով, որից կախված էր իր գրական բախտը։

― Ընկե՛ր Շեքսպիր, դուք դեռ ձեր անունը գրել չեք սովորեր, ու ելեր պիես կգրեք։ Դեռ շուտ է, դեռ պիտի կարդաք, անընդհատ կարդաք։ Մենք ունենք կլասիկ գրողներ, ինչպես օրինակ, Նաիրի Զարյան, Ալազան, Դանչո․․․ Իմ անկեղծ խորհուրդն է ձեզ՝ կարդալ, անվերջ կարդալ․․․ Ճշմարիտ է, կան մարդիկ, որք կգրեն առանց կարդալու, ատոնք ալ բացառիկ պրոլետ գրողներ են։

Ըսավ, տետրակը տվավ ու ետ ճամբեց Շեքսպիրին, որն ամոթեն կարմրեր էր մինչև ականջի ծայրը։

Հետո չիմացա՝ ինչ եղավ Շեքսպիրը, երևի ամոթեն գետինը մտավ․․․ նորեն, ու ես արթնցա։

Արթնցա, լվացվեցի, թեյ խմեցի, երեխայիս համբուրեցի ու դուրս ելա։

Դուրս ելա, առաջին փողոցեն երկրորդը պիտի շուռ գայի՝ առջևս կայնած է․․․ Մելիքսեթյանն ինքը։ (Եվ դեռ կըսեն երազը սուտ բան է)։

Այո՛, Մելիքսեթյանը։ Խոսեցա հետը զանազան բաներու մասին, մեկեն, չեմ գիտեր՝ ինչպես խոսքը Շեքսպիրի ստեղծագործությանց վրա եկավ։

― Ձգե՛ ջանըմ, ― ըսավ ցենզորը, ― ատոնք բոլորը բուրժուական նեյնիմներ են, ու ես բոլորը դուրս ձգեցի այս տարվա պետթատրոնին ռեպերտուարեն․․․

․․․Կնշանակե դեռ քնած եմ, ու դեռ չեմ արթնցեր, մտածեցի ես ու ժամացույցիս նայեցա։

Պա՛, ժամի տասը։ Ո՞ր օրն ես այսքան երկար քնանայի․․․

Կիրակի 6․ ― Մեր երկրին մեջ սաստիկ տարածված է տուներ, գյուղեր, փողոցներ, նավեր ու նման առարկաներ կնքել կուսակցական գործիչներու անունով։ Կառավարությունը ձող մը, որ տնկեց, կա՛մ Լուկաշինի անվանն է, կա՛մ Սաքո Համբարձումյանի։

Անցյալներ Ախտայի ակումբը Վառվառա Քեչեգիչյանի անվանը կոչեցին։

Շատ աղեկ, բայց եթե հերթը Վառվառաներուն հասնի՝ Հայաստանին մեջ այնքան իր չկա, որքան «հայտնի» գործիչ։

Ան ատեն Գործադիր կոմիտեն ստիպված պիտի ըլլա տնկված երկու կանգունանոց հեռագրական սյան մը երեք մարդու անունով կոչել, կան նոր շինված դռան մեկ երեսը մեկին, մյուս երեսը երկրորդին նվիրել։ Դրությունը անով կդժվարանա, որ գործիչի մը ոչ միայն իսկական անունը կանմահացնեն, այլև իր գրական կեղծանունները։ Ալեքսանդր Մյասնիկյանը ժամանակին գրեր է հոդվածներ Մարտունի կեղծանունով։ Այսօր Հայաստանին մեջ դպրոց մը կա Մյասնիկյանի ու գավառ մըն ալ կա Մարտունիին անվան։ Չեմ կասկածեր, որ մըն ալ անշունչ առարկաները վերջացնելով պիտի մարդկանց վերանվանեն։ Պատրաստվեցեք, օրինակ, ըսելու՝ «Լենինի անվան Սաքո Համբարձումյան» կամ «Լուկաշինի անվան Օնիկ Դուրգարյան․․․»

Երկուշաբթի 7.― Արևելքի որ ժողովուրդը Եվրոպայի դեմ զենք վերցունե, Խորհրդային Ռուսաստանը անոր քովը կվազե ըսելու՝ մի վախնար, ես քեզի հետ եմ։

Չենք կասկածեր Ռուսիո բարեսրտությանը վրա, հարկավ, սակայն հարցն այն է, թե թվաբանության մեջ երկու աղքատ գումարած, հավասա՞ր է մեկ հարուստի, կամ էլ երկու հիմար՝ մեկ իմաստունի, կամ երկու տգեղ՝ մեկ գեղեցիկի։

Եթե հավասար ըլլար, խոսք չկար, որ Ռուսիո ցույց տվածը մե՜ծ օգնություն էր արևելքի ճնշված ժողովուրդներին։

Երեքշաբթի 8. ― 3000 ռուբլի նվեր կուտամ անոր, ով ցույց տա ինձի, որ պրոֆմիության վարչությունը, իր ստվար պաշտոնյաներով, ամսական առնելե զատ ուրիշ բան կընե․․․

Քեզի 4000 ռուբլի՝ ապացուցե։

Չորեքշաբթի 9․ ― Անցյալ օրը վախ հայտնեցի, որ մարդոց անուններն ալ կրնան վերանվանվել կոմիսար գործիչի մը անունով։ Այսօր հավանական չեմ գտներ այդ, վասնզի եթե հասարակ մարդու մը վրա կամիսարի մը անունը դնեն, անոր ալ պիտի մեծ ռոճիկ նշանակեն՝ ինչը որ չըլլար։

Ան ատեն ես պիտի խնդրեի, որ իմ անունը Ասքանազ Մռավյան դնեին, որ հինգ պաշտոնի համար ռոճիկ առնեի ու ամուսնանալով տասնութ տարու օրիորդի մը հետ՝ կառքով պտտեի․․․

Կըլլար։ Հարկավ ոչ։

Հինգշաբթի 10. ― Առջի ամսին սանիտարական կառքերը 180 բանվորի դիակ են փոխադրեր գերեզմանոց։

Ամեն անգամ, երբ գավառեն կուսակցական ընկերներ կուգան քաղաք և կուզեն վերադառնալ, «Ագիտ֊պրոպ» բաժինը սա հայտարարությունը կտպե՝ «Կխնդրվե գավառ մեկնող ընկերներին Երևանի կոմիտե անցնել՝ թեզիսներ վերցնելու համար»։

Ինչո՞ւ նման հայտարարություն մըն ալ անդիի աշխարհը մեկնողներուն չի ուղղեր «բաժինը»։ Ինչո՞ւ կոմունիստական գործունեությունը չի տարածվեր նաև գերեզմանոցին մեջ, տեղ մը, ուր իրենց բոլոր ըսածներուն համաձայն, կուռ մասսա մը պիտի գտնեն (եթե ընդունենք, որ լռությունը համաձայնության նշան է)։ Տեղ մը, ուր բնավ վտանգ չի սպառնար միասնականության խախտմանը։ Բավական է, որ ննջեցյալը ուղիղ լենինյան գիծով պառկած ըլլա, այդ գիծով հավիտյանս անշեղ կերթա ու կերթա։

Ուրաբթ 11․ ― Դատարանին պատեն կախված այն շրջանակեն, որմե երբևէ Նիկոլա ցարը կնայեր, այսօր այդ նույն շրջանակեն Լենինի պատկերը կնայե։

Շրջանակը նոփ֊նոր է սակայն, ու դեռ երկու բռնակալ ալ կրնան նայել․․․

Շաբաթ 12. ― Դաշնակցությունը, որ «մեռած» էր գաղութին մեջ, ՀՕԿ֊ին դեմ դավեր կլարե։ Կենդանին ու «մեռյալը» ի՞նչ գործ պիտի ունենան իրարու հետ։ Միգուցե՞ ՀՕԿ֊ն ալ է մեռեր․․․

Կիրակի 13. ― Եթե հանդերձյալ կյանքը գոյություն ունենար, Կարլ Մարքսը, երկինքին մեջ Լենինի օձիքը բռնելով, պիտի գոչեր․

― Ծո՛, քեզի ո՞վ ըսավ սոցիալիզմն ատանկ շուտ իրականացնես, որ փորձանքի մեջ իյնաս։ Դու չե՞ս գիտեր, որ սոցիալիզմը լոկ ճառելու համար ստեղծված գիտություն մըն է։ Վա՜յ, վա՜յ, վա՜յ, եթե մինչև օրս երկու մարդ կհավատար սոցիալիզմին, հիմա մեկն ալ չի հավատար․․․ Ասանկ ալ տղայությո՞ւն։

― Իջի՛ր, իջի՛ր, ― ըսե պիտի, ― «Լենինյան գիծը» ջնջե, թող հետևորներդ ավելի հարմար կյանքի գիծերով քալեն։ Դուն այստեղ հանգիստ կյանք կվայելես, իսկ թշվառ հետնորդներիդ թողեր ես իրար օձիքեն կախ։

Երկուշաբթի 14. ― Սա եղավ երկու տարի, ինչ Չինաստանը հուզված է․․․ խորհրդային մամուլիմ մեջ։

Եթե իրավցնե այսպիսի տևական հուզում կապրե Չինաստանը, անհավանական չէ, որ օր մըն ալ սաստիկ ջղագրգռութենե խելագարվե այդ հսկայածավալ երկիրը ու հիվանդանոց փոխադրելու պետք ըլլա։

Է՛, ուրկե՞ գտնանք անանկ մեծ հոգեկան հիվանդանոց մը․․․ եթե Ռուսաստանը տեղ չիտա հանկարծ։

Երեքշաբթի 15. ― Լիտվանիո մեջ Ռուսաստանի դիվանագիտական սուրհանդակներեն Նետտեն սպանված է, Մախմաստալը՝ վիրավորված։

Մախմաստալը թեև վիրավորված է մահացու և մտադիր է մեռնելու, բայց կսպասե՝ տեսնելու, թե Խորհրդային Ռուսաստանը ինչպե՞ս կթաղե իր պարտականության ճանբուն վրա ինկած զինվորին։

Ու Մախմաստալը իմացավ, որ եթե մեռնի, դիակը «անմիջապես» Մոսկվա պիտի տեղափոխեն, երեք օր պառկած պիտի մնա Քաղբյուրոյի դահլիճին մեջ, Չիչերինը պատվո պահակ պիտի կենա դագաղի վրա, «հազարավոր ամբոխի ցույց», ճառեր, պատվո խաչ ու վերջապես առևտրական «Սորիա» շոգենավը պիտի կոչվե իր անունով։ Այսքան։

Ու Մախմաստալը պառկած մահիճին մեջ կմտմտա, թե այսքանի մը համար արժե՞ մեռնել։

Բայց Մախմաստալը պետք է շտապե իր որոշմանը մեջ, վասնզի ընդամենը նավ մըն է մնացեր, որի անունը տակավին չի փոխվեր․ ան ալ իրմե առաջ մեռնողի մը անվանը կնվիրեն ու Մախմաստալին հիշատակը անկե ետք ոչ մեկ նավ պիտի օրորե ծովին վրա․․․

Չորեքշաբթի 16. ― Չէ՜, սա դիվանագիտական սուրհանդակներու գործը կսպառնա բարդություն առաջացնել Ռոսիո և Լիտվանիո միջև։

Ռուսիա կպահանջե, որ Լիտվանիա խոստովանե, որ իր գործն է ու ծունկի չոքե իր առջև՝ ներողությամբ հանդերձ։

Լիտվանիա, առանց ետևը նայելու, տեսնելու համար, թե ո՞վ է իր հետ խոսողը, կհայտնե, թե սպանությունը անձնական բնույթ ունի, թե սպանողները վրեժ են լուծել իրենց այն հարազատներու համար, որ սպանված են Ռուսաստանին մեջ, խորհրդային «շինարարության» ատեն, ու՝ ոչինչ, սիկարան կվառե ու իր գործին կանցնե։

Զվիցերիան ալ ճիշտ նույն պատասխանը տվավ ասքե երեք տարի առաջ՝ Վորովսկիին սպանության ժամանակ․․․

Վրեժ․․․ բայց վրեժ լուծելու հնարավորություն չկա։ Բոլշևիկները, որք կես միլիոն էին, հինգ միլիոն մարդ սպանեցին, իրենց «շինարարության» համար։ Արդ, հինգ միլիոնի վրեժը կես միլիոնեն առնելու համար, հարկավոր է մեկ բոլշևիկի վերցնել և տասն անգամ սպանել, ինչու որ կեսը հինգի մեջ տասն անգամ կա։ Հետո, որովհետև բոլշևիկներու սպանածները բոլորն ալ խելացի, որակյալ մասնագետ մարդիկ էին, որոց մեկը նույն օրվա կուրսով, կարժենար տասը բոլշևիկ։ Տասը առավել տաս՝ հավասար է քսան։ Կնշանակե բոլշևիկներեն վրեժը լիովին լուծելու համար պետք է վերցնել մեկ բոլշևիկ ու քսան անգամ մեռցնել, բան մը, որ անասելի անգթություն է։ Իրենք, բոլշևիկները, որ հռչակված են աշխարհիս մեջ իրենց անզորությամբ, երբեք մեկի մը երկու անգամ սպանած չեն․․․

Հինգշաբթի 17. ― Բայց վտանգը երթալով կմեծնա։ Այս անլուր ոճիրին ի տես ողջ հարավային Ռուսաստանը հուզված է, իսկ հյուսիսային Ռուսաստանն ալ Մոսկվայեն հրահանգի կսպասե հուզվելու համար։ Երկրի բոլոր ծայրերեն հարցումներ կուղղվեն Կեդրոն, թե սկսի՞նք բողոքի միթինկները, թե ոչ։ Կեդրոնը կպատասխանե․ «Ո՛չ, Վորովսկիի մահվան առթիվ եղած «ցույցերուն» կեսեն ավելին կմնա անգործածելի»։

Ուրաբթ 18. ― Այսօր գաղութահայ աշխատավորությունը երես կթեքե դաշնակցութենեն, ու պիտի մեռնի այդ կուսակցությունը։ Իսկ ասկե շաբաթ մը առաջ արդեն մեռած էր։ Ո՞ր քերականությամբ կառաջնորդվե սա «Խորհրդային Հայաստանը», որու մեջ առաջ «կմեռնին», հետո «նոր պիտի մեռնին»։

Կերևի առաջին լուրին մեջ դաշնակցությունը մեռած էր առանց աշխատավորության երեսեն թեքված ըլլալու, ստոր համար լավ չէր մեռեր․․․

Շաբաթ 19. ― ․․․Որ կըսեի, թե խնդիրը կբարդանա՝ չէիք հավատար։

Այսօր Խորհրդային կառավարությունը Լիտվանիո հանձնեց իր վերջնագիրը։ Լիտվանիա, ըստ այդ վերջնագրի, կա՛մ պետք է խոստովանի իր մեղսակցությունը և գա ներողություն խնդրե, կա՛մ չպիտի խոստովանի իր մեղսակցությունը և չի գա ներողություն խնդրե։

Ուրիշ ոչ մեկ ճանապարհ։

․․․Չէ՜, կկարծե, թե Խորհրդային Միության պատվին հետ կարելի է խաղալ․․․

Կիրակի 20. ― Կիրակի է՜, ամեն մարդ իր հոգին միտն է ձգեր։ Քրիստոնյաները եկեղեցի կերթան, լենինյանները՝ կարմիր անկյուն։

Իրոք, ի՜նչ բան է սա մարդ արարածը․․․

Երկուշաբթի 21. ― Երեխանե՛ր, ներս եկեք՝ դուռը գոցեցեք։ Հղի՛ կանայք, պատերու տակն անցեք, լուսի՛ն, դեռ մի ելներ, արև՛, շտապ անցիր, կատու փըը՜շտ՝ Խորհրդային մամուլը «ճշմարտությունը պիտի գրե»․․․ այսօր։

Երեքշաբթի 22. ― Աշոտ եպիսկոպոս Շախյանը ձեռները ետևը դարսած կանցներ։

Տարի մը առաջ դուրս եկավ լուսավորչական եկեղեցու ծոցեն շռնդալից հայտարարությամբ, կազմեց «նոր եկեղեցի», որուն, սակայն, հիմա հետքն անգամ չկա։ Միակ «նորը» այդ եկեղեցիին, որ տակավին կմնա, ատիկա սրբազանին ցիլինդր գլխարկն է ու կարճ փարաջան։

Խե՜ղճ մարդ․․․

Քանի՜ քեզի պես մարդիկ բոլշևիկներու զուռնայով պարի էին ելեր, նվագը հանկարծ կտրվեր է, ու շվարած կեցեր են՝ չիմանալով ինչ եղանակ պարեն։

Չորեքշաբթի 23. Սկսվեր է խորհուրդներու «ընտրությունը»։ Քաղաքացի՛ք, դեպի քվեատուփ, ընտրելու արդեն նախապես ընտրվածը։

Փողոցներու պատերին կախված է ձայնազուրկներու ցանկը։ Անոնց իրավունք է վերապահված բողոքելու ձայնազրկության համար։

Իրավունք մը, որմե ոչ ոք կուզե օգտվել։

⁕Լենինի «պատգամները» ավաղավեր են։ Ամեն մարդ մեկ տեսակ կհասկանա այլևս։

Պետք է նոր Լենին մը ծնվե, ու եթե կարելի է, այս անգամ կույսե մը․․․

Հինգշաբթի 24. Այսօր «Խորհրդային Հայաստանին» մեջ նկարված են այն դատարկ սնդուկները, որով կառավարությունը սիգա ձկան ձվիկներ էր բերեր՝ Սևանի լճին մեջ աճեցնելու համար։

Ո՜վ հակառակորդներ, ինչո՞ւ չեք հավատար, որ Խորհրդային կառավարությունը շինարարությամբ կզբաղի։ Ինչո՞ւ թույլ կուտաք, որ հասարակ ձկնկիթի ներմուծումը ապացուցելու համար, ելլե քանդոտված հակեր նկարե իր միակ օրաթերթի էջերուն մեջ։ Վերջապես ի՞նչ պիտի ըլլա խեղճ բաժանորդներուն դրությունը, եթե օր մըն ալ թերթն սկսե նկարել այն դատարկ տոպրակները, որոնցով կառավարությունը ալյուր կներմուծե Ռուսաստանեն։

⁕Ամիս մը առաջ Կովկասյան Կեդրոնական Գործադիր Կոմիտեն Երևանին մեջ նիստ գումարելով, կես միլիոն ռուբլի հատկացուց Հայաստանին՝ ժողովրդական տուն կառուցելու համար։

Ամենուրեք լռություն։ Ժողովուրդի կողմեն ոչ մեկ ուշադրություն․ ըսես Կովկասյան Գործադիր Կոմիտեն կես միլիոն ռուբլի նվիրած չըլլար։

― Ուրախացե՛ք է՜, ինչո՞ւ եք լռեր, ― կգրե Մռավյանը, ― ուշքի եկեք, 500000 է նվիրված։ Նկարիչնե՛ր, բանաստեղծնե՛ր, ձայնը ձերն է։

Նկարիչ․

― Ժողովրդական տունը ո՛չ մեծ պիտի ըլլա, ո՛չ պզտիկ։

Բանաստեղծ․

― Ո՛չ բարձր, ո՛չ ցածր։

Ճարտարապետ․

― Կառաջարկեմ միջակ մեծության։

― Հայաստանին մեջ այսպես են բոլոր այն կարծիքները, որոց համար չի վճարվեր։

Լսեցի, որ գեղագետներու մասնակցությամբ նախապատրաստական ժողով մըն է գումարվեր, շենքին վրա հազիվ թե ազդեր․․․

Ուրբաթ 25. ― Ղարաքիլիսեի քաղաքային խորհուրդը Մարտունիին հիշատակը անմահացնելու համար հաներ է որոշում մը, որով Ղարաքիլիսեն Մարտունաշեն պիտի կոչվի այսուհետ։

Եթե Մարտունաշեն պիտի կոչվի քաղաք մը, որ Մարտունին չի շիներ, հապա ի՞նչ պիտի կոչվեր այն քաղաքը, եթե իրապես Մարտունին շինած ըլլար։

Կզարմանամ սա բոլշևիկներու անվանամոլությանը ու պատկերամոլությանը վրա։ Մի՞թե անունն ու պատկերը բավական են գաղափար մը տարածելու համար։ Տարիներ շարունակ Երևանին մեջ փողոց մը Ցարսկի կոչվեցավ (ու կկոչվե), բայց ոչ մեկը ցարը չսիրեց։ Ու այսօր ալ Երևանի այլ փողոց մը Լենինի կոչվելը, բնավ պատճառ մը չէ, որ Լենինը հարգենք։ Չեմ խոսեր այն կարգ մը փողոցներու մասին, որք կկոչվեն Ալավերդյանի, Միշայի, Գրիշայի, որոց անունները Աճառյանի արմատական բառարանն ալ չի հիշատակեր․․․

Իսկական հեղափոխությունը ամենեն քիչ մտահոգված է անուններով անմահանալու։ Այս ընթացքը պիտի կոչվե ոչ թե Հոկտեմբերյան հեղափոխություն՝ այլ անուններու տեղափոխություն։

Շաբաթ 26. ― Անգլիական հինգ միլիոն ածխահատներու գործադուլ։ Համաշխարհային հեղափոխությունը կսկսե կոր․․․ Խորհրդային Ռուսաստանը իր կոտրած նավուն առագաստը կբանա՝ քիչ մըն ալ սա քամիով քալելու։

Հոն էի՝ «Խորհրդային Հայաստանին» խմբագրատանը։ Խմբագիրը ձուլարանը մտավ՝ պատվիրելու խոշոր տառեր սա «ցնցող» լուրը հայտարարելու համար։

― Ետքեն ալ չսկսե՞նք շատ մանր տառեր ձուլելու աշխատանքը, ― կհարցնե ձուլիչը։

― Ինչո՞ւ․․․

Բանվորներու պարտությունը տպելու համար․․․

Կիրակի 27. ― Այսօր պաշտոնատան մը ճակատին տեսա Լենինի նկարը, որու տակ գրված էր․ «Լենինը մեռավ, բայց իր գործը կենդանի է»։

Ափսո՜ս։ Երանի իր գործը մեռներ, բայց Լենինը կենդանի մնար, եթե երկուսեն մեկը անպատճառ ողջ պիտի մնար․․․

Երկուշաբթի 28. ― Ահա՜ քեզի անգլիական գործադուլ և համաշխարհային հեղափոխություն․․․

Երեք օր Լոնդոնին մեջ աշխարհը իրար է խառնվեր, սակայն մարդ մը չի սպանվեր, ոչ մեկ հրացանի ձայն, սուրերը չեն մերկանար, բանվորները փոխանակ բարիկադներու ետև չոքելու, զբոսավայրերուն մեջ․․․ ֆուտբոլ կխաղան եղեր ոստիկաններու հետ։ Ահա՜ քեզի խայտառակություն։ Ու անկարգության պարագաներուն զորքը ռետինե մտրակով ու ջուր ցանելով կցրե ամբոխը․․․ Սա արդեն տղայություն ըսել է։

Ո՛չ, ընկեր անգլիական բանվորներ, ատանք հեղափոխություն չըլլար։ Հեղափոխությունը մարդ սպանել ըսել է, խանութները կողոպտել ու դահլիճներուն մեջ կացինով փայտ ջարդել ըսել է։ Եթե անգլիացիին կյանքը այդքան թանկ է՝ պատվեր տվեք Ռուսաստանի ձեր եղբայր պրոլետարիատին, անմիջապես պետք եղած չափով մարդ սպանել ու խանութ կողոպտել։ Իր չկրցածը ուրիշին պատվիրելը ամոթ բան չէ։ Ռուսաստանն ալ իր բոլոր մեքենաները Անգլիա պատվիրած է։

Խորհրդային Ռուսաստանը իր պողպատի ծանր արդյունաբերությունը, շիտակ է, նախապատերազմյան, այսինքն՝ ցարական Ռուսաստանին, հինգ տոկոսին է հասեր, սակայն սպանության կուլտուրան 200 տոկոս կկազմե արդեն։

Այսօր թերթին տառերը քիչ մը պզտիկցեր էին ըսես․․․

Երեքշաբթի 29. ― Բացվեցավ վերջապես Երևանի էլեկտրակայնը։

Կայանն ունի 600 ձիու ուժ։

Ճա՛ռ, ճա՛ռ, ճա՛ռ․․․

Եթե ասքան ճառ պատշաճ բարձրութենեն վար թափվեր, կշարժվեր անիվ մը 700 ձիաուժի։

Բավական չէ միայն բնական ուժերեն օգտվել, պետք է օգտվել գիտնալ նաև արհեստական ուժերեն։

․․․Բայց որքա՜ն նման են իրար այդ ճառերը։ Նույն բառերը։ Այդ աստիճանի նմանություն ունեցող հավերու ոտները տարբեր գույնի լաթ կկապվի հավատերերուն կողմե՝ չշփոթելու համար։

Խոսեցան 16 հոգի, ու բոլորի ճառերուն մեջ Լենինն ըսեր է՝ «Խորհրդային իշխանություն պլյուս էլեկտրիֆիկացիա, օրինակի համար, հավասար է ոչ թե սոցիալիզմի, այլ, ենթադրենք՝ դեսպոտիզմի․․․

Բավական է քիչ մը տկար ըլլալ թվաբանութենեն՝ այդ ըսելու համար, չէ՞։

Երեքշաբթի 30. ― Այսօր «Խորհրդային Հայաստանը» դաշնակցության մասին բան մը չէր գրեր։

Չորեքշաբթի 31. ― Գիրքն մըն է ընկեր ձեռքս «Կրոններու պատմության մասին», ու կկարդամ։

Ինչքա՜ն այլազան կրոններ կան։ Ըստ իս, կրոն է նաև կոմունիզմը, որու համար ավելի հավատք է պետք, քան քրիստոնեությանը, ու որուն խոստացած երկրային արքայությունը ավելի հեռու է, քան քրիստոնյաներու երկնայինը։ Մեկի պաշտամունքի վայրը կկոչվե եկեղեցի, մյուսինը՝ կարմիր անկյուն։ Մեկի պաշտոնյան տերտեր կկոչվե, մյուսինը՝ կուսկոմ։ Մեկը մորուք կթողու, մյուսը՝ ոչ։ Մեկը Քրիստոսի անունովը իր հացը կվաստակե, մյուսը Լենինի։

Ես, առաջ նախքան սա գիրք կարդալը, կկարծեի, թե կրոնները ոչ թե մարմնի, այլ հոգու փրկությանը միայն կծառայեն․․․

Հինգշաբթի 1. ― Զարմանալի բան։ Աշխարհ աշխարհի հետ հաշտվեցավ, սա Սերոբը խորհրդային կարգերուն հետ չհաշտվեցավ։

― Գիտե՞ս ինչ, ― կըսե՝ սենյակս մտնելով, ― կոմունիստական սա աշխարհի բնակիչներս տեսակ մը բանտարկյալներ ենք՝ ցմահ դատապարտված, սա տարբերությամբ միայն, որ փոխանակ պետական հացը ուտելու, մեր աշխատանքով կհայթայթենք։ Մտադիր եմ իսկական բանտը նստել։ Ըսե, չգիտե՞ս՝ ի՞նչ հանցանք պետք է գործել, որքան կմտածեմ, չեմ գտնար։

― Վա՜յ, տնաշեն, ― կպատասխանեմ իրեն, ― խորհրդային կարգերուն մեջ հանցանք գործելեն ավելի դյուրին բա՞ն․․․ Կոմունի՞ստ ես․․․

― Ոչ։

― Ահա քեզի մեկ հանցանք։

― Շիրակի ջրանցքը տեսա՞ր։

― Այո։

― Տեսնելուդ հիացա՞ր ու դաշնակցությանը հայհոեցի՞ր։

― Ոչ։

― Երկու հանցանք։ Խնդրի մը շուրջ ք՞ո խելքովը կդատես, թե Լենինի ասածը կկրկնես։

― Իմ խելքովը։

― Սա քեզի երրորդ հանցանք։ Քաղգրագիտություն գիտե՞ս։ Լենինի կիսանդրին ունի՞ս սեղանիդ։

― Ոչ, ոչ։

― Ահա քեզի չորրորդ, հինգերորդ հանցանք։ Անդա՞մ ես ՄՈՊԸ֊ի, Ավիաքիմի։ Հավատք ունի՞ս, թե այս ճամբան դեպի սոցիալիզմն կտանե։

― Ոչ, ոչ, ոչ։

― Աս ալ, ուրեմն, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ հանցանք։ Չեմ երկարեր՝ վերջապես դու խելք ունի՞ս։

― Ունիմ։

― Պրծա՜վ։ Ազատ կերպով բանտապետին ներկայացիր ու պահանջե, որ ներս առնե։ Այսքան հանցանքներուդ համար ոչ միայն քեզ, այլ եթե կուսակցությունը Իսրայելի Աստծո չափ վրեժխնդիր ըլլար, մինչև յոթ պորտդ կպատժեր․․․

Ուրբաթ 2. ― Այսօր երկու ժամ ամբողջ հերթի էինք կեցեր նկարչին մոտ։ Նկարվելու էր նստեր տիկին մը, որ շարունակ կխնդար ու չէր կրնար քիչ մը լուրջ նայել, որ վարպետը ապակին փականե հաներ ու դներ։

Համբերութենես ելած, մոտեցա և ըսի․

― Տիկին, ենթադրեք, թե ձեր ամուսինը մեռեր է․․․

Դեռ խոսքս չավարտած՝ տիկինը փռթկաց․

― Հապա ինչի՞ համար է այսքան ուրախությունս․․․

Շաբաթ 3. ― Երեկ մեր վերի հարկն ապրող Հայրապետը խելագարվեցավ, ու չորս հոգով բռնած գժանոցը տարինք։ Ամիս մը առաջ տեսեր էի զինքը, լենինիզմ կուսումնասիրեր։

Զարմանա՜լի տոկունություն։

Ամիս մը ամբողջ կրցեր է կարդալ լենինիզմը․․․ առանց խելագարվելու։

Կիրակի 4. ― Ժամի իննին կանչվեցի գժանոցը՝ ցուցմունքներ տալու հիվանդին մասին։ Հայրապետն իր անունն անգամ մոռցեր է։ Խե՜ղճ տղա։ Կնշանակե՝ ինչքա՜ն առաջ կրնար երթալ լենինիզմին մեջ։

Ցուցմունքես վերջը շրջեցի հիվանդնոցը ու ծանոթացա խելագարներու հետ։ Մեկի հետ խոսածս ժամանակ, երևաց, որ հիշյալը կողմնակից է կոմունիզմին և հավատացած է, որ կառավարության բռնած ընթացքը ուղիղ դեպի սոցիալիզմը կտանե։ Ուրիշ մը այն կարծիքին է, որ այս կառավարությունը բանվորական է, ու միայն բանվորներու համար կաշխատե։ Երրորդ մը, որ խելքը գլխին խելագար մըն է, կկարծե, թե ներկա իշխանությունը բոլորի համար կաշխատե, միայն բանվորներու համար չաշխատեր, և այլն։

․․․ Ի՞նչ տեսակ է քններ բժիշկը։

Առաջին երկուսը, հիմա՝ ներկա ռեժիմին մեջ, չեն արգելափակվեր գժանոցին չորս պատերուն մեջ, պաշտոնապես խելագարներ չեն հաշվվեր անոնք, ու այդպիսինները դուրս՝ կյանքին մեջ «շինարարություն» կընեն և 500 ռուբլի ամսական կառնեն։

Երրորդին համար խոսք չունի՜մ։ Անիկա և անոր նման բոլոր անոնք, որք հիմարաբար խելոք կխոսեն, պետք է մեկուսացվին շտապ կարգով։

Երկուշաբթի 5. ― Պատմե՞ր եմ ձեզի, թե երկու շաբաթ առաջ մանչ զավակ մը ունեցա։ Այո՛։ Ես շուկա էի ելեր, վերադարձիս տեսա կինս ծներ է երեխան ու երեք ժամ շարունակ չիմանալով ինչ անունով կոչեր (անունը ես պիտի դնեի)՝ անհամբեր ինձի կսպասեր։ Անմիջապես ձեռքիս փաթեթը վար դրի, տղուս Աշոտ կոչեցի ու սկսեցիք սիրել։

․․․Դեռ մինչև մեկ ամիս մտադիր չեմ հայտնել տղուս, որ ինքը խորհրդային կարգերու մեջ է ծնվեր։ Մեղք է, ամիս մը գեթ թող անհոգ ապրե։

Երեքշաբթի 6. ― Ծանոթ գյուղացի մը իր տասներկու տարեկան մանչը քաղաք է բերեր ու խորհուրդ կհարցնե, թե ո՞ր ծխական դպրոցը տա։

― Առանց Հայաստանի պետական համալսարանն ավարտելու նախակրթական չեն ընդունվեր։ Նախ, ― ըսի, ― տղուդ կղրկես համալսարանը, որ «պատմական մատերիալիզմ» սորվե, հետ կդնես միջնակարգ՝ երկրորդ աստիճանի դպրոց մը, որ գիտցածները բոլորը մոռնա «դալտոն պլան» մեթոդով, նո՜ր մաքրված ուղեղով ծխականը կղրկես, որ այբ ու բեն սորվե։ Բժիշկներն ալ, մինչև լուծողականով աղեկ մը չմաքրեն ստամոքսը, նոր դեղ չեն նշանակեր։

Այս մեթոդը մանկավարժության մեջ «դեդուկտիվ» կկոչվե ու կերթա անծանոթեն՝ ծանոթը ու ընդհանուրեն՝ մասնավորը։

Չորեքշաբթի 7. ― Կըսեն, թե համալսարանին դասախոսներեն մեկը գանգատեր է տեղ մը, որ ուսանողներու մեջ կան այնպիսիներ, որք չգիտեն, թե Փարիզը որու մայրաքաղաքն է։ Ի՞նչ կա զարմանալու։ Այսօր Ֆրանսա, այդքան զարգացած երկիր ըլլալով հանդերձ «չի ճանչնար Ռուսաստանը։ Հայկական համալսարանի ուսանողի մը ինչո՞ւ պիտի զլացվե Փարիզը չճանչնալու իրավունքը։

Ուրբաթ 9. ― Ասկե երեք տարի առաջ, երբ Լեհաստանը հաղթեց Մոսկվային և 300 միլիոն ոսկի տուգանք առավ՝ վարչապետ էր Պիլսուտսկին։

Երեք տարվան հանգստեն ետքը, այսօր Պիլսուտսկին նորեն Լեհաստանի սանձերը ձեռքը կառնե։

․․․Ռուսաստանը, կըսեն, բուռն պատրաստության մեջ է, որ․․․ պարտվե։

Շաբաթ 10. ― «Խորհրդային Հայաստան» օրաթերթին «կուսակցական» բաժնին մեջ ամեն օր «բջիջները» կշարժեն, որ արթննան ու դեպի սոցիալիզմը քալեն։

«Բջիջներու» զարկերակը աղեկ քննելու է, գուցե ոչ թե քնած, այլ․․․ մեռած են։

Այսօր գացի Հայաստանի Կոմկուսի քարտուղար Աշոտ Հովհանիսյանեն պաշտոն ուզելու։

Պատասխանեց․

― Պաշտոնի համար կմտածեմ․․․ բայց դուն քաղգրագիտություն սորվիր ու մարքսիստական աշխարհայացք ունեցիր։ Փակագծի մեջ ավելացնել՝ (որ պաշտոն տամ)։

Անցյալ օրն ալ, երբ Լուսժողկոմ Ասքանազ Մռավյանին նույն խնդրով դիմեցի, ըսավ․

― Դաշնակցության դեմ հոդվածներ գրե։ Փակագծի մեջ ավելացնել (որ պաշտոն տամ)։

Երբ կառավարություն մը իր սկզբունքները պաշտոնի ու դրամի համար վաճառքի կհանե, ըսել է բարոյական հոգեվարքը կապրե։

Երկուշաբթի տասներկուս․ ― Կոմունիստական կուսակցությունը հղացավ և ծնավ լոզունգ մը ևս՝ խնայողության լոզունգ։

Կենդանիներու մեջ երբեք այսքան կանոնավոր ծնունդներ չեն պատահեր։ Ոչխարը ճշմարիտ է զույգ կծնե, սակայն տարի ալ կա ստերջ կմնա ու չի ծներ։ Իսկ այս կառավարությունը ամեն ինն ամիսեն լոզունգ մը կբերե աշխարհ րոպեի ճշտությամբ։

Ծնված լոզունգները, սակայն, բնավ արբունքի չեն հասներ, և մեկ երկու ամիս ապրելով թերթերու մեջ, առանց ժառանգ թողնելու կմեռնին։

Եվ որովհետև Զագսի կողմեն խիստ հրաման կա մեռածներու անունները հանել տնային գրկույքներեն, տեսա Կեդրոնական Կոմիտեի քարտուղարը, ինչպես գրքույկը Զագս բերավ ու իրար ետևե ջնջեցին «Կորչի՜ անգրագիտությունը», «Երեսներս դեպի գյուղ» և «Խնայողության ռեժիմ» լոզունգները։

Հոգ չէ։ Կուսակցությունը սակայն ջահել է, դեռ շատ լոզունգներ կրնա ծնել․․․

Երեքշաբթի 13. ― Հեռագիրները հաղորդեցին, թե Իտալիա ու Անգլիա միացած՝ չխախտեին Հաբեշստանի անկախությունը։ Վասնզի, այս աշխարհի օրենքով, այն անկախ պետությունը, որ թույլ է, ու նստեր է հանքերու վրա, անոր անկախության օրերը համրված են։ Կուգան երկու ուժեղ պետություններ, կկախեն այդ «անկախը» գետնեն բարձր, հանքերը տակեն․․․ կմաքրեն՝ ճիշտ այնպես, ինչպես մայրը կվերցնե փոքրիկին իր աթոռակով մեկտեղ, տակը կավլե ու աթոռը տեղը կդնե։

Չորեքշաբթի 14. ― Մարդ․․․ ի՞նչ է մարդը։ Այն կենդանին, որ աստիճանով իրմե ցածին վրա խոժոռած կաղաղակե ի ձայն մեծ, իսկ գեղեցիկ սեռին քով կքծնե ի ձայն մեղմ, որ պաշտոնատան մեջ տխրամած ըլլա՝ իրապես կմտածե, թե երբ կհնչե ժամը երկուսը, որ հյուրանոցը վազե, համար 14֊ին մեջ նստած իր սիրածին քով, որ տեղեկագիր կազմելուն փոխանակ գրելու՝ «պետք է ծանոթանալ Թիֆլիսեն եկած բոլոր աղջիկներուն և հետզհետե անոնց սիրելու գործին ձեռք զարկել», կգրե «պետք է ուսումնասիրել Հայստանի հողերի որակը և տրակտորիզացիայի ենթարկել զանոնք»։

Այս կենդանին մարդ կկոչվե ու կարհամարհե բոլոր այն կենդանիներուն, որք պաշտոնատուն չեն նստեր, զանգի չեն սպասեր ու իրենց օրում թիֆլիսցի օրիորդի երես չեն տեսեր․․․

Հինգշաբթի 15. ― Պաշտոնես առած 75 ռուբլի ռոճիկս չի բավարարեր մեզի։ Իրիկունը կնկանս հետ երկա՜ր խորհեցանք խնայողություն մտցնել ծախսերու մեջ՝ սակայն ոչ մեկ եզրակացության չեկանք։

― Պետությունը «խնայողության ռեժիմ» ունի, անոր մոդելը բեր, մենք ալ նույն ձևով կխնայենք այսուհետ, ― ըսավ կինս։

― Օ՜, կնիկ, ― ըսի, ― ատ մեզի չի գար։ Այդ ռեժիմով 75 ռուբլի խնայելու համար 170 ռուբլի է հարկավոր․․․

Ուրբաթ 16. Ո՜վ Աստված, դուն այն օրը քո դեմքը խաթարեցիր, երբ մարդը քո կերպարանքով ստեղծեցիր։

․․․Ու պիտի պաշտեի քեզ այսօր, եթե մարդու կերպարանք չունենայիր։

Այն մարդիկ, որք զգեստի, հացի, պանրի ու միսի առուտուր կընեն, «սպեկուլյանտ» կկոչվեն, կհալածվեն օրենքի բոլոր խստությամբ ու 400 ռուբլի տուրք կուտան։

Իսկ այն մարդիկ, որք սկզբունքի, խղճի, կրոնի, զգացմունքի առուտուրով կզբաղվեն, «կոմունիստ» կկոչվեն, կմեծարվեն օրենքի բոլոր մեղմությամբ ու 500 ռուբլի ամսական կառնեն։

Ինչո՞ւ մարմնավոր, անցողական ապրանոց առուտուրը այսքան տարածվի։

Ինչու ամենայն օր հարկահավաքը կմտնե այն տոնավաճառը, որ «մեյդան» կկոչվե ու տուրք կառնե անգամ հինգ կոպեկի ծամոն ծախողե մը (ծամոն, որ սաստիկ կմաքրե ատամները) ու օր մըն ալ իսկ չի մտներ այն մեյդանը, որ «ցեկա» կկոչվե և ուր կծախվեն այն բոլորը, ինչ որ մարդու համար սուրբ են․․․

Աստվա՛ծ, դարձուր երեսիդ թքնեմ, եթե իրավցնե մարդու կերպարանք ունիս։

Շաբաթ 17. ― Այսօր տրամադրությունս շատ խաղաղ է։ Երեկ ես ալ չեմ գիտեր, թե ինչո՞ւ բարկացած էի ու կարծեմ Աստծո դեմ մանչեցի, որու համար՝ մեղա՜ Աստծո։

Չեմ իսկ զարմանար հոգու առուտուրին համար ու «Ցեկա» կբարձրանամ, տեսնելու համար, թե ի՞նչ կրնամ ծախել հոն, եթե օր մը սաստիկ նեղվեմ ու բան մը վաճառելու պետք ունենամ։

Կին մը, իր մանկանը ետևեն ձգված՝ Ցեկայի առաջին քարտուղարին մոտեցավ․

― Ընկե՛ր, որդուս կարմիր կնունքով կնքեցի ու անունը Լենին դրի, բայց խոստացած հինգ մետր ճոթը դեռ չստացա, ― ըսավ՝ ու դառնալով տղուն, ― Պողոս, ― պոռաց, ― եկուր, թող ընկերը քեզ տեսնի։

Ու «Լենինը», որ կշարունակեր դեռ «Պողոս» մնալ, մոտեցավ «ընկերին»։

Երկրորդ քարտուղարին մոտեցավ միջին տարիքի, սափրված մարդ մը ու ըսավ․

― Ընկե՛ր, ես 1904 թվականեն պատկաներ եմ դաշնակցական կուսակցությանը՝ այժմ երես կթեքեմ անկե։

― Իսկ ո՞ր կուսակցության կողմը պիտի նայես այսուհետ։

― Ոչ մեկ, առջևս կնայեմ ու ինձի համար կապրիմ։

― Կյանքդ բաշխված է, գնա՛։

Նույն՝ համար 2֊րդ քարտուղարին մոտեցավ ուրիշ մը։

― Ընկեր, ես ամենասաստիկ դաշնակցականն էի, ամենասարսափելի կերպով կհրաժարեմ ու կատաղաբար կմտնեմ կոմկուսակցության շարքերը։

― Դուն մեր կուսակցության «ակտիվ» անդամն ես, ամեն ամսին կուգաս 500 ռուբլի ամսական ստանալու։

Ես չեմ տեսեր, բայց կըսեն, թե անցյալներ կարիքավոր մարդ մը, որ կյանքին մեջ ոչ մեկ կուսակցության չի պատկաներ, մտնելով՝ ըսեր է, այդ նույն քարտուղարին․

― Ընկեր, սաստիկ նեղն եմ, ինձի տաս մանեթի կոմունիստ գրե․․․

Չէ՛, այս կուսակցության լիկվիդացիան մոտ է ըսես։ Հեռու չեմ տեսներ այն րոպեն, երբ կոմկուսը բոլորովին սնանկացած, իր կուսակցական ողջ ինվենտարը շուկա թափելով ծախե՝ լոկ ճամբու ծախս մը հանելու համար։

Մտադրված եմ «Կարմիր անկյուն» մը առնել, դեղին ներկել ու գործածել․․․

Կիրակի 18. ― Թուրքիա, որ երկու ամիս առաջ Սովետական Ռուսիո հետ բարեկամական դաշն կնքեց, այսօր նույնպիսի դաշինք մըն ալ Ռուսիո թշնամի Անգլիո հետ կկնքե։

Ուրեմն այսուհետ Թուրքիո կարելի է անվանել թշնամիներու բարեկամ։

Երկուշաբթի 19. ― Սա մի շաբաթ մըն է լույծ եմ։

Ինչպե՜ս կուզեի փոխանակ փորիս՝ պաշտոնիս հարցը լուծվեր։ Նյութական դրությունս սոսկալի է, կուզեմ մեռնիլ, բայց ոչ անոթութենե։

Ուստի օգտվելով պետական «ապարատեն»՝ մտադիր եմ հետևյալ դիմումը ուղղել Չեկային․

― Որովհետև զուրկ եմ անձնասպան ըլլալու տեխնիկական հարմարութենեն (ատրճանակ չունիմ), ուստի խոնարհաբար կխնդրեմ գնդակահարել ինձի՝ խոստանալով, սակայն, վերջեն գործել համապատասխան հանցանքը․․․

Եվ հուսով եմ, որ կընդունվի խնդիրս, վասնզի ինձմե շատ ավելի աննշան մարդոց ապառիկ կսպանե, ինձմե ինչո՞ւ պիտի հանցանքը կանխիկ պահանջե։

Երեքշաբթի 20․ ― Սովետական Ռուսիա Լեհաստանին մեջ կոմունիստական պրոպագանդ մղելու համար, որովհետև դրամ չունե, գաղտնի երկու վագոն գարի կղրկե։ Լեհ կառավարությունը, սակայն, սահմանագլխին կբռնե այդ գարին ու իր ձիերուն առջև կլեցնե։

․․․Հեռագիրը կլռե արդյունքին մասին, ու մինչև օրս չգիտենք, թե կոմունիստ դարձա՞ն այդ․․․ ձիերը։

Չորեքշաբթի 21. ― Ի՜նչ խայտառակություն։ Կամ տեսեք, թե ճակատագիրը երբեմն մարդուս ի՜նչ դառն կհարվածե։

Երեկ հոս ու հոն դիմելով՝ երկու ռուբլի ճարեցի ու դեղատուն տարի։ Դեղագործը դրամն առավ ու պատվիրեց արտուն գալ դեղը տանել։

Իսկ այս առտու (ո՜վ դժբախտություն) արդեն բոլորովին առողջ եմ։

Նյութական այսքա՜ն ծանր կորուստ սա անձկությանս մեջ․․․

Կմտածեմ։ Ի՞նչ ընելու է, երբ դեղագործը չուզենա դրամը վերադարձել։ Հիվանդանալ նորեն ու դեղը ընդունել․ ի՞նչ ճար ուրիշ։

Հինգշաբթի 22․ ― Փորթուգալիան իր դարավոր քունեն արթնցավ, լվացվեցավ, ուսերը շարժեց, հզորացավ, աշխարհակալությամբ կուզե պարապել։ Բայց ուշ է, կարծեմ։ Անգլիա արդեն բռներ է երկրագնդի բոլոր բաց տերը, և ուր չի հասեր, իր գլխարկն ու ձեռնափայտն է թողեր՝ ըսել ուզելով «հոդ մարդ չնստե»։

Փորթուգալը խելոք ըլլա նե, դույլ մը կճարե, կերթա Ճիպլարթարին նեղուցին վրա կճկռե և Միջերկրականին ջուրը Ատլանտյանը պարպելով, կգրավե ծովին հատակը։

Իսկ եթե զենքի ուժով գրավումներու մասին կխորհե, խելոքությունը՝ նորեն պառկելն է․․․

Ուրբաթ 23. ― Այսօր փողոցին մեջ դեմս ելավ արկղավոր տղեկ մը ու «Խորհրդային օդային տորմիղին համար հանգանակություն կընեմ» ըսելով, բան մը զարկավ օձիքս և դրամ կուզեր։ Մեկ կոպեկ նետեցի արկղը՝ չընդունեց, հիսուն կոպեկ կուզեր։

― Խե՞նթ ես, տղա՛, ― ըսի, ― հիսուն կոպեկ ունենամ նե, ես կթռչեմ, ալ ինչո՞ւ օդային տորմիղին կուտամ։ Վերջեն ավելցուցի․

― Բավական է, բալա՛ս, դրամ չունիմ։ Առայժմ մեկ կոպեկի թռչի այդ տորմիղը, ետքեն նայենք՝ ինչ կըլլա։

Շաբաթ 24. ― Իմ դերձակը, որուն նորերս պատվեր էի տվել տվեր, մեռավ գործս չավարտած։ Հուղարկավորությանը գացի ու թաղեցինք ինչպես հարկն էր։ Խե՜ղճ այրին։ Ինչո՞ւ պիտի այսպես ըլլա՝ կգոչե ու կուլա։

― Աշխարհ է, տիկին, կը պատահե, ամուր բռնեցեք ձեզի, ― կըսեմ իրեն։

Երեք օր ետքը, երբ գացի կոստյումիս ձևված կտորները ետ ստանալու, պարզվեցավ որ երկու խոշոր կտորներ կորսվեր էին։

Սաստիկ ցավեցա երեք օր առաջ մեռած դերձակին վրա։ Կուզեի ըսել․ «ինչո՞ւ, ինչո՞ւ պիտի այսպես ըլլա» ու լալ մինչև անգամ, վասնզի քսան ռուբլիի կհասներ կորուստս, բայց չըսի, վասնզի այրին այնքան էր հանգստացեր, որ կրնար՝ «աշխարհ է, կպատահե, պարո՛ն, ամուր բռնեցեք ձեզի» պատասխանել։

․․․Չէ՛, ցավալի էր դերձակիս մահը, եթե անգամ ոչ մեկ կտոր կորսնցուներ․․․

Կիրակի 25․ ― Իրավ, ծո՛, ի՞նչ է մահը․․․

Մահը այն վերջակետն է, որ կուգա նստելու նախադասության մը մեջ, իր ուզած տեղը։ Վերջակետ մը, որ բնավ չի դրվեր խոսքը լրանալեն հետո, վերջակետ մը՝ դրվող բային ու դերբային մեջտեղ՝ «որին» ու «որպեսզիին» արանքը, անգամ բառին մեջտեղը․․․

Մահը մեր լեզուն չի հասկանար ու անծանոթ մըն է կյանքի կետադրության կանոններուն։

․․․ Այսպես է կյանքը, եթե անգամ քոստյումիս կտորները գտնվեր։

Երկուշաբթի 26․ ― Այսօր Պետհրատի գրասենյակը մտա։ Հոն, պատին կախված էր Լենինի պատկերը իր ստվերին հետ միասին յուղանկարված։ Այո, Լենինն ու իր ստվերը։ Հակասություն չէ՞ արդյոք կուսակցության ներկա «խնայողության ռեժիմին»՝ մեկ շրջանակի մեջ երկու պատկեր զետեղելը։ Ինչո՞ւ Պետհրատը Լենինի ստվերը առանձին չի նկարեր ու դիմացի պատին կախեր։

Զարմանալի մարդիկ։ Պաշտոնատան մը մեջ երկու անհրաժեշտ մարդոցմեն մեկը կկրճատեն՝ հոս թույլ կուտան, որ մեկ շրջանակի մեջ երկու պատկեր կախված մնա․․․

Երեքշաբթի 27. ― Շքերթ է այսօր Աբովյանի վրա։ Չհարցուցի ինչ տոն ըլլալը, ինչու որ կա՛մ Սեպտեմբեր, կա՛մ Հոկտեմբեր պիտի ըլլար, բայց բան մը, որ սարսափեցուց ինձի, այն լոզունգներու կոթերն էին, որք անտառացած կերթային։

Ո՜վ ծառեր, դուք իզո՜ւր կարծեցիք, թե բոլշևիկները գալով, դադարեցիք եկեղեցական սուրբերուն խաչի ու խաչվառի կոթ մատակարարելե։ Ժամանող կուսակցության սուրբերն այնքան շատ են, որ ձեր կյանքի ողջ օրերն իսկ եթե կոթ մատակարարեք, կոմունիստ սուրբերե դեռ չեք ազատվի․․․

Չորեքշաբթի 28. ― Պետությունը չորս միլիոն ութ հարյուր հազար ռուբլի է հատկացուցեր Ռուսաստանին մեջ ընդհանուր մարդահամար կատարելու համար։

Իզո՜ւր ծախս և անօգուտ վաստակ։

Ի՞նչ պետք կա մտնել շրջանները, համրել մարդոց, նոր գրել։ Հետևելով բոլշևիկյան «պլանային» մեթոդին՝ Կենտկոմը պետք է նիստ մը գումարեր և սկզբունքով որոշեր, թե այսինչ նահանգին մեջ որքա՞ն մարդ պետք է ըլլա, ու գրեր անջինջ մելանով մատյանին մեջ։ Ապա սկսեր հաշվել՝ նշված թիվեն ավելին ջարդելով ու պակասին համար որդեծնության «արդյունաբերությունը» բարձացնելով, նախապես գրված թիվին հավասարեցնելու էր։ Յա՞։

Ի՞նչ իրավունք ունի ժողովուրդը Կենտկոմին թիմեն ավելի կամ պակաս ըլլալու։

Բոլոր ավելիները, այսինքն՝ անոնք, որ նոր պիտի ծնվեն՝ հակահեղափոխականներ են։

Մա՛հ ավելիներուն, կյա՛նք պակասներուն։

Հինգշաբթի 29. ― Լենինականին մեջ մեծ երկրաշարժ։ Յոթ գյուղ կործանված են ու քաղաքի երկու թաղեր՝ ավերված։ Երևանեն, արտակարգ գնացքով, անմիջապես աղետյալ քաղաքը կմեկնե Կենտգործկոմին նախագահ Արտաշես Կարինյանը․․․ սակայն երկիրը կշարունակե շարժել Կարինյանին ոտքերու տակ։

․․․Հայաստանի կառավարությունը ավելի ծանր մարդ չունե՞ր արդյոք իր կազմին մեջ՝ Լենինական ղրկելու համար։

Ուրբաթ 30. ― Աղետին չափը երթալով կմեծնա։ Քաղաքը կիսովին կործանվեր է։ Ժողկոմխորհը կարգադրեր է, որ պաշտոնեության անցյալ երկու ամսականները իսկույն վճարվեն։

Երևանի ուսուցչությունը, որ վեց ամիս է իր հավելումները չի ստացեր, ակնդետ․․․ երկրաշարժի մը կսպասե։

Շաբաթ 1․ ― Աղետը երեկվնե ալ մեծ է, այնքան, որ Վրաստանի կառավարությունը պետք է տեսեր ցավակցական հեռագիր մը տալ Հայաստանի կառավարությանը։

Հեռագիրը սակայն, խիստ լակոնիկ ըլլալով, չի պարզեր, թե ինչի՞ համար կցավե Վրաստանը։ Կցավե ավերվածի՞ն համար, թե՞ կցավե, որ կեսը ողջ է մնացեր․․․

Կիրակի 2․ ― Հայաստանի համալսարանը ձեռնարկած է ուսումնասիրելու երկրաշարժին պատճառները։ Ըստ իս, Հայաստանի սա երկրաշարժ ղրկողը (ով որ է, չեմ գիտեր) «Խորհրդային Հայաստան» օրաթերթ կստանա, և հոն գրված շինարարությանը հավատալով, երկիրը մասամբ ավրեր է, որ մոտիկ ապագայեն ձեռք ձեռքի վրա չկայնի սա «շինարար» կառավարությունը։

Այլապես, եթե անիկա անձամբ տեսած ըլլար մեր երկիրը, հազիվ զիջեր նոր ավերակներ շարել այս համատարած ավերակներու կողքին․․․

Երկուշաբթի 3. ― Լենինականի աղետը բնավ չազդեց կնկաս վրա։ Այն օրվնե, երբ ձյութի շնորհիվ մեր պահարանը ազատվեց մրջյուններեն, այն օրվնե, կըսեմ, կորսնցուցեր է կինս աղետի, թշվառության, դժբախտության ու նման բոլոր գաղափարներու մասին իր հասկացությունը․․․

Երեքշաբթի 4. ― Երևանի սանիտարական վարչությունը սա երկու տարի քրտնաջան կաշխատե քաղաքիս շուները վերացնելու։ Սակայն շուները փոխանակ նվազելու, օր ավուր կբազմանան։

Երկու տարվա փորձը բավական չեղա՞վ համոզելու վարչությանը, որ մարդիկ, հետևաբար և կենդանիք, թույն ուտելով անգամ կրնան ապրիլ, եթե ռեժիմը տանելի է։

Պետք է շուներն ալ ենթարկել բորշևիկյան ռեժիմին։

Հինգշաբթի 6. ― Լենինականի երկրաշարժը մինչև այսօր աղետ մըն էր Հայաստանի համար, բայց այս օրվնե դարձավ բարեբախտություն։ Ինչո՞ւ։ Վասնզի ցույց տվավ, որ Խորհրդային Հայաստանը մենակ չէ, որ Վրաստանն ու Ադրբեջանը եղբայրաբար կօգնեն իր նեղ րոպեին․ բան մը, որ դաշնակցության օրոք անկարելի էր։ Ու Հայաստանի բոլշևիկյան կառավարությունը կցնծա։ Եթե ամեն երկրաշարժ պիտի գա այս նույն բանն ապացուցելու, բարով գա, ամբողջ Հայաստանն իր տրամադրության տակ է։ Հոգ չէ, որ հազարավոր ընտանիքներ սովի ու սառնամանիքի մատնվին։ Բավական է, որ ցույց տան, թե Խորհրդային կարգերը կտարբերվեն դաշնակցական կարգերեն։

Ուրբաթ 7. ― Սա խորհրդային գործարաններու գործած ապրանքներու մեջ ինչքա՜ն օսլա կա, Աստված իմ։ Պզտիկիս համար այնքան լայն վարտիք կարեց մայրը, որ երկու ոտքը մեկ մասին մեջ կմտներ ազատ։ Խիստ բարկացա կնոջս վրա, որ խնայողություն չի գիտեր։ Սկզբունքային հարց դարձավ ու ժամ մը վիճեցինք։

Ժամ մը վիճեցինք այն սկզբունքին վրա, որ փոքրիկս արդեն վճռեր էր կես ժամվա մեջ։ Միայն մեկ անգամ էր միզեր անպիտանը, ու վարտիքը այնքան էր «մտեր», որ մայրը դժվարությամբ կհաներ վրայեն։

․․․Եթե բոլշևիկյան չիթը, որի կեսը միայն օսլա էր, այսքան «մտավ», հապա որքա՞ն պիտի «մտնեն» բոլշևիկյան գաղափարները, որք ամբողջովին օսլա են, եթե օր մը թրջվեն։

⁕Այսօր, երբ պաշտոնատունես տուն եկա, մինչև ծոծրակս ցեխ էի եղել։ Արագ քայլելու չէ՝ վաղվնե նախաճաշ պիտի վերցնեմ հետս ու ճամբան կամաց քալեմ։

Շաբաթ 8. ― Աղայան փողոցին մեջ բարեպաշտ մարդ մը կապրե՝ անունը Թովմաս։ Կպատմեն, որ ատ Թովմասը իր կյանքին մեջ բնավ սուտ խոսած չունի։ Այդ Թովմասը, սակայն, երրորդ անգամն է կփորձե անձնասպան ըլլալ ու չի հաջողեր։

Գացի մոտը այսօր ու կամեցա գիտնալ, թե ինչո՞ւ կուզի մեռնիլ։

― Մեղավոր մարդ մըն եմ, դժոխք երթալ կուզեմ, ու Աստված չի առներ հոգիս։

․․․ Եթե հավատանք անգամ, որ Թովմասը իր կյանքին մեջ սուտ չի խոսած՝ հիմա պարզապես ստեց։ Վասնզի իսկապես դժոխք երթալ ուզող մը երբեք չպիտի ցանկար հեռանալ Խորհրդային աշխարհեն․․․

⁕Այսօր տեսակ մը կզգամ ինձի։

Կիրակի 9. ― Երկու շաբաթ կարգին գիտեի, որ Հայաստանի Ժողովրդական Կոմիսարներու նախագահը Սաքո Համբարձումյանն է։ Մոռցեր էի քիչ առաջ։ Պետք է ամեն օր կրկնել այդ անունը կամ մատին թել մը կապել՝ հիշելու համար։

Այսօր Կարինյանի քով գացի խնդրով մը։ Կատարումը չխոստացավ թեև, բայց խոստացավ օր մը խոստանալ։ Բարի մարդ է շատ, վասնզի չար ըլլալու չափ պատրաստություն չունի։

․․․Իսկ մեր ժողկոմխորհի նախագահն է Սաքո Համբարձումյանը։

Երկուշաբթի 10. ― Հողժողկոմատի չորս գյուղատնտեսները Դարալագյազի գավառին մեջ «ուսումնասիրեր» են 1200 ոչխար, 400 կով ու 160 ավանակ։

Վերջին տեսակի կենդանիները, որք դաշնակներու օրոք անարգանքի միայն կարժանանային, այսօր շոյված կզգան ինքզինքնին Հողժողկոմատին գյուղատնտեսներեն «ուսումնասիրված» ըլլալու համար։

Մյուս կողմանե՝ Ցեկան ամեն օր կհայտարարե, որ գավառ մեկնողները երթալե առաջ նախ իր քովը մտնեն։

Չեմ գիտեր։ Եթե սա գյուղատնտեսները մեկնելեն առաջ «մտեր» են՝ պետք է սպասել օրերս դասակարգային շերտավորումը կենդանիներու մեջ։ Եվ իրոք։ Էշը ի՞նչ պակաս բատրակ է։ Ինչո՞ւ ձին միջակ գյուղացի չէ, իսկ ուղտը՝ կուլակ։ Ձին ու էշը արդեն շարունակ կռվի մեջ են։ Կմնա հասկցնել միայն, որ իրենց այդ կռիվը ոչ թե խոտի ու հարդի համար է կմղեն, այլ հանուն սոցիալիզմի, կոմունիզմի և նման վեհագույն գաղափարներու։

Զարմանալի հակասություն։

Հոս՝ մարդոց մեջ, գիտակից, դասակարգայնորեն կազմակերպ, կազմ ու պատրաստ կեցեր են ու պատճառ մը կփնտրեն, որ կռիվն սկսեն ու չեն գտներ, հոն կենդանիները կկռվեն, բայց դասակարգային գիտակցություն չունին։

⁕․․․Չմոռնամ ըսելու, որ Հայաստանի Ժողկոմխորհի նախագահը Սաքո Համբարձումյանն է։

Երեքշաբթի 11․ ― Խոսք և գործ․․․

Զուգահեռական գիծերն անգամ (որու համար գիտությունը կըսե, որպես թե ինչքան երկարեն, չեն միանար), եթե հինգ տարի շարունակվեին, անտարակույս կմիանային այսօր։ Իսկ սա բոլշևիկները տասը տարի է կշարունակվեն, ու անոնց խոսքն ու գործը միանալու փոխարեն բան մըն ալ կհեռանան իրարմե։

Չեղավ նիստ մը կամ ժողով մը, որու մեջ չհայտարարեին, թե «պետք է Լենինի օրինակին հետևել»։

Այսօր Լենինը մեռեր է, քանի՞սն են հետևեր իրեն։ Երեքը միայն՝ Ձերժինսկին, Ֆրունզեն ու Կրասինը։

Պետք է հարյուր տոկոսով կատարել խոստումը․․․

<b<Չորեքշաբթի 12․</b> ― ․․․Տեսա՞ք, երեկ մոռցա, որ Հայաստանի Ժողկոմխորհի նախագահը Սաքո Համբարձումյանն էր։

Ու որովհետև մոռցա, այդ պատճառով այսօր երկու անգամ Սաքո Համբարձումյանն է։

Կիրակի 16. ― Այսօր կիրակի է ու պաշտոնատուները փակ։

Այսօր Սաքո Համբարձումյանը ազատ է, կրնա Ժողկոմխորհի նախագահը չըլլալ։

․․․Ինչքա՜ն երջանիկ պիտի սեպեի ինքզինքս, եթե շաբաթը վեց օր Խորհրդային իշխանության տակ ապրեի, իսկ մեկ օրը՝ ազատ․․․

Երկուշաբթի 17. ― Բայց չէ, երբեմն ալ կոմունիստներու հակառակորդները չափազանցության մեջ կիյնան։

Բոլորովին սխալ է, ըստ իս, այդ կուսակցության հետևորդներուն ոչխարներու հետ համեմատելը։ Ոչ մեկ նմանություն։

Այս գարնանը, օրինակ, ոչխարներու հիվանդություն կար, ու Հայաստանի ոչխարներուն կեսը սատկեցավ, մինչ կոմունիստներեն ոչ մեկը ընկավ «պարտականության ճամբուն» կամ «բարիկադներու» վրա։ Ատկե զատ, ոչխարը կուտա բուրդ, յուղ, պանիր, միս և առհասարակ օգտակար կենդանի է․․․

Չափազանցություններե պետք է խուսափել առհասարակ։

Այսօր սաստիկ ձյուն եկավ, ջրկիրն ուշացավ, ու կինս սաստիկ բարկացեր է վրաս։ Ուզեցի իր կարծիքն առնել այդ կուսակցության մասին, բայց ոչ, թող մնա վաղը։ Այսօր եթե անգամ օգտակար կուսակցություն ըլլա կոմունիստականը, նորեն անունն անգամ լսել պիտի չուզենա։ Այսօր ամեն բան «գետինն անցնի»։

Երեքշաբթի 18. ― Երեխայամոլ բարեկամ մը ունիմ, որ իր պզտիկեն զատ ուրիշ բան չի ուզեր ճանչնալ աշխարհիս երեսին։ Փոքրիկին, որ տակավին տարին չի լրացեր, հիմակվնե տեսակ֊տեսակ ընդունակություններ կվերագրե ու կստիպե, որ անպատճառ հավատանք։

Այս առտու խելագարի նման ներս ընկավ, թե՝ Սամվելս ազատ կխոսե։

― Սո՛ւտ է, ― ըսի՝ համբերութենես ելած վերջապես, ― Խորհրդային աշխարհին մեջ ազատ խոսել չի կարելի․․․

Չորեքշաբթի 19. ― Ջրային կոնվենցիա Հայաստանի ու Տաճկաստանի միջև։ Հայ կառավարությունը սաստիկ ուրախացեր է, որ Տաճկաստանը թող կուտա սահմանի վրայեն հոսող Արաքսի ջուրեն օգտվե ինքը ու եղբայր կանվանե Տաճկաստանին։ Այդ ջուրը Տաճկաստանը ձեռք բերեց քանի մը տարի առաջ՝ կոտորելով ու գրավելով Կարսն ու Սուրմալուն, որ Հայաստանին կպատկաներ։

Ինչքա՜ն դյուրին է սա մեր կառավարության կողմե եղբայր կոչվել․․․

Ես Տաճկաստանին տեղն ըլլամ նե, կուգամ Երևանն ալ կկոտորեմ, քաղաքը կգրավեմ ու թող կուտամ, որ ազատ կերպով Հայաստանն օգտվե Զանգուի ջուրերեն, որպեսզի ավելի «եղբայր» ըլլամ։

⁕Այսօր Ռուսաստանը Եվրոպայի աջակցության պետք չունի։ Ինքն իր ուժերով կրնա երկիրը վերաշինել։

Հինգշաբթի 20. ― Եթե ճիշտ է, որ Աստված չկա, ուրեմն Աստված կա մեզի համար, վասնզի Խորհրդային Միությունն է այն միակ երկիրը, ուր գոյություն ունին աշխարհիս մեջ գոյություն չունեցող բոլոր բաները։

Արդյունաբերությունը չի աճեր՝ կըսեն կաճե, իշխանությունը բանվորական չէ՝ կըսեն բանվորական է, գրագիտությունը կվերանա երկրեն՝ կըսեն անգրագիտությունն է վերացողը։ Ուրեմն ինչո՞ւ պիտի Աստված գոյություն չունենա։

Պիտի ունենա (եթե միայն իսկապես գոյություն չունի)։

Այսօր ձյուն եկավ։ Ուժեղ քամի կա օդին մեջ, բայց չի փչեր։ Կոմկուսակցությունը պասիվ կանվանե նման բաներն։

Ուրբաթ 21. ― Հայաստանի Ժողկոմխորհի նախագահը Սաքո Համբարձումյանն է։

․․․Մա՜րդ, մա՜րդ, ի՞նչ ես դուն՝ տուն մը, որու մեջ կապրին քանի մը հոգի։

Երեկ մեր լվացարարուհին աղիողորմ կուլար, որ վերջապես չի մեռներ իր հիվանդկախ մարդը՝ ձեռքեն ազատվե։

Այսօր՝ նույնքան աղեխարշ կուլա՝ թե ինչո՞ւ մեռավ իր հիվանդոտ ամուսինը ու ձեռքեն ազատվեցավ։

Ձեզի կհարցնեմ, երեկվա՞ լացողին Մարիամ կոչեմ՝ թե այսօրվան լացողին։

Ի միջի այլօց, այսպես կխոսե․

― Ա՜խ, ― կըսե, արցունքը սրբելով։ Տասնհինգ տարի միասին ապրեցանք, օր մը առողջ չեղավ, սրտիս համար ցավ է այս, գեթ առողջանար, նոր մեռներ․․․

<b/>Շաբաթ 22.</b> ― Այնքան էլ իրականությանը չի համապատասխաներ այն մեղադրանքը, ըստ որու, Հայաստանին մեջ գոյություն ունի ազատ սեր։ Հակառակը, չկա երկիր մը, ուր սերն այնքան բռնի ըլլա՝ ինչքան մեզ մոտ։

Անցյալներ, օրիորդ մը մերժած ըլլալով չեկիստի մը սիրել՝ կբանտարկվե չգործած ու չգործվելիք հանցանքի մը համար։ Ու կազատվե միայն սա «դեկլարացիան» ստորագրելով․ «Ես քսանմեկ տարիե ի վեր աղջիկ եմ։ Վեց տարի է ինչ կսիրեմ Արշակ անունով մեկի մը, բայց այսօր, զգալով իմ սխալը, երես կթեքեմ Արշակեն՝ կպատկանեմ Վաղարշակին․․․»

⁕Այսօր հետաքրքիր բանը մը պատահեց ինձի, բայց չեմ ուզեր պատմել։

․․․Իսկ Ժողկոմխորհի նախագահը, ըստ սովորականի Սաքո Համբարձումյանն է։

Կիրակի23. ― Կոմկուսակցությունը խոշոր հաղթանակ է տարեր Ֆրանսիա մեջ։ Պառլամենտական ընտրության առթիվ, հինգ միլիոն ձայնեն երկու ձայն է շահեր։ Երևանը տոնական շքերթներու ու ճառերու մեջ կխդվե։ Քաղաքի հրապարակին մեջ միթինկ։ Ճառախոսը խոսքի վարպետ չէ ու մտքերը հավաքելու համար, ամեն երկու բառին վերջ «կեցցե կոմկուսակցություն» կպոռա, որ բազմությունը «ուռա՜» պոռա, որ մյուզիքը «ինտերնացիոնալ» նվագե, որ հանդիսականները գլխարկնին հանեն։

Կես ժամվա մեջ 32 անգամ գլխարկս հանեցի, դրեցի։

Եթե գլխարկները մեքենայացման ենթարկվեին, որ իրենք իրենց հանվեին դրվեին, թող «կեցցե՜ր կոմկուսակցությունը», դեմ չէի։

Բայց պիտի խոստովանեմ, որ այսքան դժվարությամբ «կեցնել կոմկուսակցությունը», քիչ մը դժվար է։

Այսօր մեծ ախորժակով ճաշեցի։

Երկուշաբթի 24. ― Կխորհրդածեմ երեկի դեպքերու վրա։

Արժե՞ր այդքան ուրախանալ։ Ճիշտ է, Ֆրանսան չորս տարվա մեջ երկու կոմունիստ կուտա, բայց նույն Ֆրանսան յուրաքանչյուր տարին 136 խելագար կմատակարարե իր երկրի հոգեկան հիվանդանոցներուն։

Կնշանակե ուրախութենեն պիտի խելագարվեին Ֆրանսիո բոլոր խենթերը․․․ եթե խելագար չըլլային։

Ռուսաստանի կոմկուսակցությունը, եթե հեռատես ըլլա, պետք է կես ժամվա մեջ 32 անգամ «կեցցե՜լե» առաջ քիչ մը խելք պահե, պահեստե, պառլամենտական հաջորդ ընտրություններուն, երբ քվեները երկուսեն չորս դառնան՝ ան ատեն խելագարվելու համար։

․․․Անկախ այս բանեն, քիչ մը խելք ունենալ քովը միշտ օգտակար է։

⁕Ազգերու լիգան Ռուսաստանին Ժնև կկանչե խաղաղասիրական կոնֆերանսի։ Վերջինս չի երթար՝ առարկելով, թե Զվիցերիո հետ խռով է ու անոր տուն ոտք չի կոխեր։

․․․Ինչպե՜ս Զվիցերիա զարկավ Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչին սպանեց ու ազատ մնաց։

Աշխարհի բանն այդպես է՝ անպատիժ ոճրագործություն կատարելու համար, պետություն մը կա՛մ այնքան խոշոր պիտի ըլլա, որ վախ ազդե, կա՛մ այնքան պզտիկ, որ ատամի տակ չիյնա։

Երեքշաբթի 25. ― Այսօր լսենք անգործ բարեկամիս։

― Ատամնաբույժի մոտ էի։ Մինչև անիկա գործիքները կպատրաստեր, ժամանակ ունեցա ծանոթանալու ատամնաբուժական շուկային հետ։ Գործերը գեշ չեն։ Տարի մը առաջ ավելի աղեկ է եղեր։ Այս տարի Հայաստանի սա համատարած գործազրկությունը ազդեր է շահին վրա։ Անգործները բան չեն ուտեր, որ ատամի պետք ունենան։ Ստորին պաշտոնյաները, որք ութեն քսան ռուբլի կառնեն, այնքան քիչ կգործածեն ատամնին, որ բնավ չի փչանար։ Ամբողջ իր հասույթը պատասխանատու պաշտոն վարող կոմունիստներե կուգա, որք 500 ռուբլի ամսական կառնեն ու ամիս անգամ մը նորոգության պետք կզգան։ Վերջիններս ատամները բացառապես ոսկիե շինել տալուն պատճառով, ոսկին սկսեր է սղել երկրին մեջ։ Ամրության տեսակետեն ամենեն հարմարը ոսկին է թեև, բայց ան ալ իր վտանգներն ունի։ Պետք է զգույշ ըլլալ քիչ մը ու իրիկունները շուտ բերանը գոցել։ Անցյալ ուրբաթ, լույս շաբաթ գիշերը, գող մը, օրինակ, Գրիգոր Վարդանյանին բերանը բաց գտնելով, մտեր ու հավաքելով ատամները՝ անհայտացեր է։ Բարեբախտաբար, Վարդանյանը ատամի այնքան պետք չունի․ անիկա միայն կխմե։

― Ի՞նչ նյութե շինեմ ատամներդ, ― վերջապես դարձավ ինձի ատամնաբույժը, հիվանդ ատամներս քաշելե ետքը։

― Ոսկիե, անպատճառ, ― պատասխանեցի։ ― Աշխատանքի բորսան արձանագրվեր եմ, ու խոստացեր են լավ պաշտոն մը տալ։

Այս խոսքիս վրա, ատամնաբույժը աքցանը վերցնելով, բերնիս մոտեցավ ու սկսեց մնացյալ ատամներս ալ հանել։

― Ի՜նչ կընես, ― կճչամ ես։

Իսկ անիկա կըսե ամենասովորական եղանակով․

― Եթե հույսդ բորսայի վրա է, դուն ատամի բնավ պետք չունիս․․․

<b<Չորեքշաբթի 26.</b> ― ․․․Ի՜նչ պարապ մարդիկ կան սա բոլշևիկներու մեջ, Աստված իմ։

Սա ամիս մըն է երիտասարդ բոլշևիկներու օրգան «Ավանգարդին» մեջ բուռն բանավեճ կերթա այն մասին, թե պե՞տք է կոմունիստուհին քսվի, թե ոչ։

Թշվառականնե՜ր, աղջիկը բնական արարած մըն է, որուն քսվածն ալ կսիրվե, չքսվածն ալ։ Փուդրա ունեք պահեցեք ձեր արտառոց վարդապետության երեսը քսելու, որն այնքա՜ն այլանդակ է, ու որուն երեսը նայելուն մարդու սիրտը կխառնե․․․

Այսօր օրն ամպամած է։ Երեխաս սեղանի վրայեն վար նետեց ու կոտրեց հրաշալի վազա մը։ Ասկե զատ ուրիշ նշաններե ալ կերևա, որ մեծնալուն բոլշևիկ պիտի ըլլա անպիտանը․․․

Հինգշաբթի 27․ ― Կոմունիստ բանաստեղծ Եղիշե Չարենցը, որ ասկե չորս ամիս առաջ օրիորդ Այվազյանին վրա մահափորձ կատարելուն համար երեք տարվա բանտարկության էր դատապարտվեր, բանտեն ազատվելու համար կուզե խելագար ձևանալ ու չի հաջողեր։ Սա շաբաթ մըն է քուն չունի․ աջ կհայհոյե, ձախ կթքնե, արևելք կքանդե, արևմուտք կպղծե, անցուդարձողներուն ձևերը կկապկե, ուրիշի խոսքերը կկրկնե, ու առհասարակ ինքզինքը սաստիկ հիմար ցույց տալ կուզե։ Այս բոլորով մեկտեղ, Երևանի հոգեկան հիվանդանոցի գլխավոր բժիշկը չի ուզեր Չարենցին խելագարի վկայական տա՝ պատճառը հարցնողներուն հետևյալ պատասխանը տալով․

― Հայհոյելը, սրբություններու վրա թքնելը, պղծելը, քանդելը, կապկելը ու հիմարանալը խելագարության նշան չի կրնար սեպվիլ կոմունիստի մը համար, այլ նորմալ վիճակ և կուսակցական բարբառով «ակտիվություն» կկոչվե։ Կոմկուսակցությունը, ― կավելցնե բժիշկը, ― որ այսօր ամեն արտոնություն կվայելե, զրկված է դժբախտաբար խելագարվելու տեխնիքական հարմարություններե։

Ուրախալի բան։

Կնշանակե այս պետության օրոք «անկուսակցականները» ունին «հարմարություն» մը, որ կոմունիստները չունին՝ թող ըլլա խելագարություն։

Հարց․

Ինչո՞ւ «անկուսակցականները» չեն փորձեր օգտվել իրենց տրված սա «հարմարութենեն», ինչո՞ւ չեն խելագարվեր։ Ներկա բռնութենեն ավեի՞ն կսպասեն․․․

⁕Ոսկին այսօր 15֊են 17 ռուբլի բարձրացավ։ Միլիցիան փամփուշտը հրացանին մեջ խոթեց։

Ուրբաթ 28. ― Վաղարշապատի առևտրականները ձերբակալված են՝ վարկերը թեթևցնելու համար «կոլեկտիվ» խնդիր ներկայացնելու համար։ Անհատ֊անհատ պետք էր ներկայացնել։

Զարմանք բան։ Ինչո՞ւ պետական դպրոցներու մեջ կստիպեն միասին մտածել, միասին շարադրություն գրել ու առհասարակ ամեն տեղ «կոլեկտիվը» միայն կփնտրվե, իսկ Վաղարշապատի առևտրականները մեկ֊մեկ պիտի խնդրեին։

Օգտակար է։ Գեթ այս ըլլա պատճառ, որ «անհատականություն» բառը չջնջեն բառարաններեն։

⁕Այսօր կոոպերատիվին մեջ մարդ մը խեղդվեցավ ճնշումեն։ Քանի խորհրդային արդյունաբերությունը «կբարձրանա»․․․ թերթին մեջ, այնքան ապրանքները կնվազեն․․․ խանութին մեջ։

Շաբաթ 29. ― Թեև կտրված ենք դուրսի աշխարհեն ու կապրինք խորհրդային սնդուկին մեջ, բայց բանալիին ծակեն անգամ կերևի, որ քաղաքական հորիզոնին վրա բաներ մը կանցնին կդառնան։

Թուրքիա, օրինակ, «մարդասեր» է դարձեր և «սիրով» տեղ կուտա Իտալիայի գաղթականներուն։ Այո՛, Թուրքիան մարդասիրության վարժանքներ կընե։ Այսօր Իտալիո կսիրե, վաղը Անգլիո, մյուս օրը Ֆրանսիո և այլն։

Արդյոք ե՞րբ հերթը հայրուն կուգա․․․

․․․Երբ Թուրքիա «մարդասեր» է դարձեր, կնշանակե ահավոր դեպքերու պետք է սպասել։

Կիրակի 30. ― Մեր բարեխնամ կառավարության բանն ալ ըսես շատ աղեկ չըլլա։ Մենք ոչ մեկ տեղեկություն չունինք դուրսի աշխարհեն, քանզի մեր աչքը կապված ու ականջը խցված՝ գավազանով կպտտինք լույս ցերեկով․․․

Բայց ինչո՞ւ Ռուսաստանը այդպես բարձր կպոռա իր թերթին մեջ, չըլլա իր պոչը կոխող մը կա։ Որպես թե Լեհաստանի կողմե հարձակում կսպասվե, բայց չեմ հավատար։

․․․Բայց թող հանգիստ մնան իր վրա հարձակվողները։ Ես վստահ աղբյուրեն գիտեմ, որ պատերազմի հրավերին «խաղաղ շինարարական աշխատանքով» պիտի պատասխանե Խորհրդային Միությանը։

Եվ կընե գիտե՞ք պրոլետարական դիկտատուրան խնայել չի գիտեր, եթե բարկացած է։

⁕«Խորհրդային Հայաստանի» այսօրվա առաջնորդողի մեջ Մռավյանը «լկտի» բառը չէր գործածեր։

Երկուշաբթի 1․ ― Չէ, այլևս մեր կառավարության հետ դժվար է երկու խոսք ընել․․․ ձրի։

Եթե փողոցին մեջ հանդիպելուն «բարև ձեզ» ըսես՝

― Գրավոր ներկայացուր և մեկ ռուբլանոց մարկա փակցուր, ― պիտի պատասխանե ու անցնե, առանց «Աստծո բարին» ըսելու։

― Ինչպե՞ս եք, լա՞վ եք, ― ըսես նե՝

― Հարցումը գրավոր ու վրան ռուբլանոց մարկա՝ որ «լավ» ըլլամ, ― պիտի պատասխանե։

― Այս փողոցը ո՞ւր կտանե։

― Առանց մարկայի տեղ մըն ալ չի տաներ։

― Հյուսիս, հարավ, ո՞ր կողմն է։

― Մենք ոչ հյուսիս ունինք, ոչ հարավ, եթե հարցումը գրավոր չէ, ու մարկա չունի վրան։

Չեմ փորձեր, հարսանիքի հրավե՞րն ալ պիտի մերժե առանց մարկայի։

Առաջները չէ, բայց ներկայիս հավատա, որ իրոք լռությունը ոսկի» է եղեր, պետք է գրպանդ լեցուն «մեկ ռուբլանոց» ըլլլա, որ կարող ըլլաս խոսել։

․․․Ըսելիք չունիմ, կառավարությունը իր սկզբունքներն ունի և թող գործադրե, բայց հետաքրքիր է, ինչո՞ւ ժողովուրդը իր հետ երկու բառ խոսած պահուն պետք է մեկ ռուբլանոց մարկա փակցնե՝ ինչո՞ւ ինքը իր անթիվ միթինկներու մեջ ժամերով կճառե ժողովրդյան գլխուն․․․ առանց կոպեկի մը մարկա փակցնելու։

⁕Աջ ոտքս ուռեր է ու սաստիկ կցավի։

Չորեքշաբթի 3. ― Բարեկամներս եկեք մեռնինք, քանի ողջ մնանաք զարմանալի բաներ պիտի լսենք։

Ժամանակ մը, կոմկուսակցությունը գյուղը լուսավորելու համար, քաղաքի իր անդամներուն «Երեսը դեպի գյուղ» լոզունգը տվավ։ Գյուղը, իհարկե, այնքան երեխա չէր, որ խաբվեր սա լոզունգին ու լուսավորվեր, մեկ, մեկ ալ լոզունգին զինվորագրված հրացանակիրները, քաղաքը նստած, ինչքան էլ աշխատեին, իրենց երեսովը գյուղը լուսավորել չպիտի կրնային։ Այնպիսի հեռավորություն, որպիսին ունեն գյուղն ու քաղաքը իրարմե, արևն անգամ հաճախ չի կրնար լուսավորել ամպ օրերը․ ո՞ւր մնաց կոմերիտական մը՝ մանավանդ, որուն «երեսը» փուդրան ավելի թանձր է պատած, քան ամպը արևին։

Ըսել կուզեմ, որ սա վեց տարի է կուսակցությունը իր «երեսը» ամեն կողմ դարձնելե ետքը, երբ բան մը չկրցավ ընել, այսօր «առաջ քաշման» լոզունգը կծնե հանկարծ։

Բացատրեմ, թե ինչ ըսել է «առաջ քաշումը»։

Ենթադրենք մարդ մը, որ ինը տարի դպրոց է գացեր ու իր անունը շիտակ գրել չի սորվեր, կամ չորս տարի համալսարան է հաճախեր ու Փարիզը Ֆրանսիո մայրաքաղաքն ըլլալը չի իմացեր, կամ կյանքին մեջ էշն ու ջորին զաազանել չի կրցեր։ Ենթադրենք նաև, որ այդ մարդը վկայված գյուղատնտես է՝ առաջ կովեն մածուն կկթե, հետո այդ մածունը մակարդելով ընտիր կաթ կստանա, կամ հաշվապահ է՝ ու երկու անգամ երկուսն չորս ընելու համար հինգ սանթիմ կկրծե իր մատիտին ծայրը, կամ սափրիչ է ու չխանգարվելու համար նախ՝ հաճախորդին ականջը կկտրե, կամ ուսուցիչ է ու կհուսա «կոմպլեքս» մեթոդով բան սորվեցնել աշակերտներուն, կամ կոմունիստ է ու կթվի իրեն, թե Լենինի բռնած ուղին դեպի սոցիալիզմ կտանե, կամ, կամ․․․ վերջապես ինչ երկարեմ, մարդ մը որ աշխարհիս երեսին ոչ մեկ բանի կրնա պիտանի ըլլալ, ահա այդ տեսակ մարդ մը, եթե բարձրացնեն, տանեն կոմիսար կամ Կենտգործկոմի նախագահ դարձունեն, իշտե, այդ երևույթը «առաջ քաշում» կկոչվե։

Ի՞նչ լոզունգ է այս։

Այս լոզունգը կձայնե՝ մա՛րդ, եթե կցանկանաս պետական մեծամեծ պաշտոններու հասնել, նախ՝ ավանակ եղիր։

․․․Ես որոշեր եմ տեղս անշարժ մնալ մինչև բոլոր «ետևի» հիմարները «առաջ» քաշվեն, երբ ետևը դատարկվեցավ՝ կխնդրեմ ինձի «ետև» քաշել։

❈Երեխաս այսօր հինգ րոպե առանց բռնելու կայնեցավ։

Հինգշաբթի 4. ― Ծո՜, մարդկային խելքը ի՜նչ հրաշքներ կգործե՝ ծը՛, ծը՛, ծը՛։

Ամերիկյան օֆիսի գործավարին աղջիկը՝ փոքրիկ Լիզան, պուպրիկ մը ունի, որ եթե կռնակին վրա պառկեցնես՝ «աո՜ւ, աո՜ւ» կընե։ Եթե նստեցնես՝ «մամա՜, մամա՜» կըսե։

Փա՛ռք քեզ, Աստված, ի՜նչ օրերու հասանք․․․

Ի տես սա զարմանալի արարածի՝ կըսեմ․

― Ինչո՞ւ կոմկուսակցությունը «կարմիր կնունքով» կկնքե ու «հոկտեմբերիկ» անվանելով՝ կոմբջիջը կառնե նորածինները, որք «աո՜ւ, աո՜ւ» իսկ չեն ըներ, ու թող կուտան, որ սա քաղաքականապես հասունացած պուպրիկները, որք անգամ «մամա՜, մամա՜» կըսեն, անկազմակերպ պտտեն։ Մեխանիզացիայի սիրահար սա կուսակցությունը ինչո՞ւ մարդոց մեկդի թողած իր արդյունաբերությունը մեխանիզացիայի կենթարկե․․․ լրագրին մեջ։ Ամերիկյան գործարանները, որ այսօր շինել են 50 սանթիմանոց «մամա» ըսող արարածներ, մի՞թե պիտի դժվարանան երկու մեթրանոց պուպրիկներ շինել, որք առանց ձանձրանալու, բոլոր ժողովներուն մեջ, օրական 15 ամգամ ելնեն ու ըսեն․

― Մենք սոցիալիզմ կառուցեր ենք, կկառուցենք ու պիտի կառուցենք։

Ուրբաթ 25․ ― Չնայած այն հանգամանքին, որ Զինովևը, Կամենևն ու Տրոցկին կատաղի օպոզիցիա են կազմեր ու համարյա ոչ մեկ ընդհանուր բան չունին լենինյան կուսակցության հետ՝ այսօր սակայն կուսակցությունը կշարունակե իր քլուբները զարդարել անոնց նկարներով։

Այս երևույթը չի՞ հիշեցներ ձեզի այն ամուսինները, որք թեև բաժանված են իրարմե, բայց կշարունակեն իրիկունները իրարու քով պառկել․․․ իներցիայով։

Կլսվի թե Մոսկվայի վերջին համագումարին հարց է հարուցված գեթ Տրոցկու կենդանագիրը փոխարինել Ռուձուտակի պատկերով, բայց դուրս է եկեր, որ միայն այդ փոփոխությունը Միության բյուջեի վրա 26 միլիոն ռուբլի կնստե։

Ավելո՜րդ ծախս։

Վանի մեր թաղի խահվեճին ձեռք մը իսքամպիլի թուղթ ուներ, որուն ոչ մեկ քարտը իսկական չէր։ Խաչի յոթնոցին վրա գրված էր մատիտով՝ «ասիկա քարփիչի թագավորն է», ագռավի տղայեն վրա՝ քուփայի աղջիկն է» և այլն, ու խահվեճին բնավ չէր վնասեր այս հանգամանքեն։

Այդ ինչո՞ւ պիտի վնասի Խորհրդային Ռուսաստանը, եթե օր մը բռնե բոլոր Տրոցկիի պատկերներու տակը գրե՝ «ասիկա Ռուձուտակն է․․․»

Շաբաթ 26. Այսօր մեր կատուն մուկ էր բռներ։ Կես ժամ խաղաց ապա հանգիստ խղճով կերավ՝ իբրև բնութենեն իրեն հատկացված արդար պատառ մը։

Կինս վրդովվեց քիչ մը, անգութ անվանեց կատվին, բայց ես՝ ոչ։ Ես ատանկ բաներու վրա բարկանալու սովորուցեն չունիմ, ու եթե ունենայի իսկ, բնավ չէի բարկանա կատվի մը վրա, որ կերավ՝ միայն ընդամենը կես ժամ չարչարելով իր որսը։ Այլ կբարկանայի այն կես միլիոն բոլշևիկներու վրա, որք սա տասը տարի է կչարչարեն 150 ժողովրդյան ու չեն ուտեր․․․

❈ Ձյունը, որ երեկվեն կուգար՝ կտրեցավ։ Թիակն առնեմ, տանիքը ելլեմ։

Կիրակի 27. ― Առավոտ է, դուրս կելլեմ։ Գետինը ճերմակ է, բայց պատերը սև։ Քաղխորհուրդը պատերու վրա ինչքան բաց տեղ գտեր՝ «պարտադիր որոշում» է փակցուցեր քաղաքացոց համար։ Կարդա՛ մինչև իրիկուն, ո՛չ սկիզբ կա այդ «որոշումներուն», ո՛չ վախճան։ Գլուխս ուռեցավ կարդալեն։ Ու վերջացուցի թեև, բայց չիմացա, թե ինչը պետք է ընել և ինչը պետք է չընել, որպեսզի 100 ռուբլի տուգանքով կամ երեք ամիս բանտով չպատժվեմ։

Ուստի, որևէ պատժե ազատ մնալու համար, վճռեցի ամենակարճ ճամբով կամաց մը տուն երթալ ու նստել անշարժ, առանց բան մը «ընելու» ու բան մը «չընելու»։

․․․Ես աղքատ մարդ մըն եմ ու հանցանք գործելը ինձի համար կատարյալ շռայլություն է։

❈ Ըսի՞, որ անցյալ չորեքշաբթի Չեմբեռլենը անգլիական կառավարության անունեն բողոքի նոտա էր ղրկեր Ռուսաստանին։ Այո, ղրկեր էր։ Ու այսօր Չեմբեռլենին կպատասխանե Ալազանը «Խորհրդային Հայաստանին» մեջ։

Բանեն դուրս կուգա, որ Չեմբեռլենը, տեսնելով, որ խորհրդային արևը «հուրհրան է», ու այդ արևի տակ պատկոմները հաստատուն քայլերով իրենց մարզանքը կկատարեն, նախանձեն ելեր հուշագիր է ղրկեր։

Եթե սա իրողություն է ու բանաստեղծություն չէ, իրոք որ, ի՜նչ ագահություն Անգլիո կողմեն։ Հնդկաստանի ու Եգիպտոսի արևներով չբավականանալով, կուզե Ռուսիո արևեն ալ օգտվիլ։

</b>Երկուշաբթի 28.</b> Եղբորս հնգամյա աղջիկը սա քանի օր է լուսաշխի մանկապարտեզը կերթա։ Առջի օր սորվեր էր «Կըռ, կըռ, կըռ՝ ձայն են ձգեր մի հազար գորտ» Երկրորդ օրը՝ պատմություն մը մուկի մասին, իսկ երրորդ օրը տուն գալեն ի վեր անզուսպ աղաղակով մը «ես պատկոմ եմ միշտ պատրաստ» պոռալով սկսեց սենյակի մեջ ծայրեն մյուսը քալել։ Երբ գլուխս տարավ՝ քովս կանչեցի․

― Ամա՛լ ջան, «պատրաստ» ես գիտե՜մ, լսեցի՜, բայց ի՞նչ ընելու պատրաստ։

― Վաղը պիտի ըսե վարժուհին, հորեղբայր։ Այսօր միայն պիտի պատկոմ ըլլանք, միշտ պատրաստ։

Ամալը, սակայն, այն գիշեր պաղ առավ ու սա շաբաթ մըն է պառկեր է անկողնին մեջ «միշտ պատրաստ»։

Բայց սա վարժուհին անտունին մեկը ըլլալու է։ Եթե երբեք իր նպատակն է այդ պզտիկներեն կոմունիստ պատրաստել, առաջին և երկրորդ դասերուն պետք է անցումը կատարեր ոչ թե գորտերով ու մկներով, որ ամենևին կոմունիստ չեն հիշեցներ, այլ թութակի և կապիկի մասին պիտի տար ծանոթություն, որմե հետո ավելորդ էր իսկ խոսել կոմունիստներու վրա․․․

⁕Փողոցը ձու կպոռան, ելլեմ քսան հատ առնիմ։

Երեքշաբթի 29. ― Պետական թատրոնին նվիրված բանկետի մը մեջ, երբ հայ բանաստեղծ մը բաժակ կվերցնե Հայաստանի կենացը խմելու, կոմունիստ հանդիսականը անդիեն կպոռա․

― Ո՞ր Հայաստանի։

― Առհասարակ Հայաստանի, ― կպատասխանե ճառախոսը։

― Առհասարակ Հայաստան գոյություն չունի, ― կըսե կոմունիստը, ― կա միայն Խորհրդային Հայաստան։

Կնշանակե՝ առհասարակ հա՞յ ալ չկա։

Իսկ առհասարակ մա՞րդ։

Կամ որևէ առհասարակ բան գոյություն ունի՞ սա երկրին մեջ․․․

Ու․․․ եթե իրոք խորհրդայնացումեն անդին Հայաստան չըլլար, ու Արևելքի քաղաքակրթության պատմությունը սկսեր է 1920 թիվեն, այսինքն՝ այն օրվնե, երբ բոլշևիկները Դիլիջանի վրայով Հայաստան արշավեցին։ Գոյություն ունեցած չըլլային Ասորեստանի թագավորները, ոչ ալ իրենց քաջագործությունները պատմող սեպագիր ժայռերը․ ըսել կուզեմ ժայռերը ըլլային, բայց վրան գրություն չըլլար։ Այսօր, այս նոր արշավողները այդ նույն ժայռերու վրա սապես պիտի սեպագրեին․

«Ես, Աթարբեկյանս (կամ Ավիսս), հեղկոմ բոլոր հեղկոմներու, ես սոցիալիստս, ես կոմունիստս, Չիբուխլուի վրայով Ելենովկա արշավեցի․ հավաքեցի բոլոր տաճկահայ գաղթականներուն մի մարագ ածեցի ու կացինով կոտորեցի, 73 հոգի ձեռները ետև կապած ծովի ափ շարեցի, գնդակահարեցի, 120 հոգի սպանեցի ու ձկան նման իրար վրա շարելով հողով ծածկեցի։ Երկրի բոլոր պարենը հավաքելով՝ փառավորվեցի, ե՜ս Աթարբեկյանս (կամ Ավիսս), ես գզո՜րս, ես արդարադատս, որդի Լենինի, որդի Բուխարինի, որդի Ստալինի․․․»

❈ Կբանամ օրաթերթը՝ «Ընկ․ Սաքո Համբարձումյանը Թիֆլիսեն ժամանեց Երևան․․․»

Մի՞թե Համբարձումյանը բացակա էր քաղաքես, մի՞թե ներկա չէր Սաքոն։ Ահա ձեզի ներկայություն մը, որ սաստիկ նման է բացակայության․․․

Չորեքշաբթի 30. ― Հայաստանի կառավարությունը խենթությունը քաջալերելու համար, Երևանի հոգեկան հիվանդանոցին մեջ քսան նոր մահճակալ է բացեր։

Իզուր ծախս։

Հայաստանի ո՞ր բնակչի գլխուն հիմա խելագարվելու մը չափ խելք է մնացեր․․․

Հինգշաբթի 1․ ― Այսօր կանանց տոն է։ Քաղաքիս ողջ մանկապարտեզներու երեխաները փողոցին մեջ կարմիր դրոշակներով, զինվորական մյուզիքի առաջնորդությամբ կքալեն։ Մոտեցա խումբի մը՝ «Կեցցե կանաչ տոն» կպոռար։ Երկրորդ խումբ մը «Կեցցե կամաց տոն կպոռար, բայց չգտա խումբ մը, որ «կանանց տոն» ձայներ։

Լավ է, որ բան մը «կեցցե» պոռալով չէ, որ կկեցցե, չէ նե այսօր կանայք, իրենց «տոնին» հետ միասին մեռնեին պիտի։ Եվ տեղն էր իրենց։

Ինչո՞ւ այդքան մեծ գաղափարներ այսքան պզտիկ բերաններու մեջ զետեղել կուզեմ․․․

⁕․․․Դա՜, ըսել է Սաքո Համբարձումյանը վերադարձե՜ր է։

Ուրբաթ 2. ― Մե՜ծ հաջողություն։ Չորս ամիս փնտրելեն վերջ, դատարանը գտավ վերջապես երեք բժիշկ, որք քննելով Եղիշե Չարենցին՝ խելագար գտան։ Չորս ամիս ամբողջ, ուրեմն, թշվառ բանաստեղծքը համապատասխան բժիշկներ չգտնելու համար, ստիպված էր խելոք մնալ․․․

Դատարանը վերոհիշյալ բժիշկներու քննության վրա, բեկանեց Չարենցին երեքամյա բերդագելության վճիռը ու որոշեց երեք տարվա պարտադիր բժշկություն՝ Ռուսաստանի հանգստի տներեն միույն մեջ։

«Պարտադիր բժշկություն» թերմինը նորություն մը ըլլալով, բերնեբերան զանազան մեկնաբանություններ կստանա։ Շատերը այն կարծիքի են, թե «պարտադիր հիվանդություններուն» միայն կարելի է «պարտադիր բժշկություն» առաջարկել, վասնզի, կըսեմ, դատարանի կամքեն անկախ ալ, ուզած րոպեին կընա առողջանալ։

Այսպես՝ ի՞նչ պիտի ընե դատարանը, պիտի պատժե՞, եթե Չարենցը անսաստելով իր որոշումը մեկ տարիեն ապաքինվե։

Իրավցնե, քիչ մը տարօրինակ է սուր ու սվիններով դատարան տանել մեկը ու վերջեն «պարտադիր բժշկություն» վճռել։ Ասիկա շատ նման է այն կատակին, զոր երբեմն ես կընեմ պզտիկիս հետ։

Հանկարծ, որպես թե սաստիկ բարկացած եմ, հոնքերս կիտած սոսկալի, աչքերս չռած զարհուրելի, ճակատս կնճռոտած անտանելի, մազերս խառնած, պիշ֊պիշ նայելեն վերջ՝ «ես քո հոգուն մատաղ» կըսեմ ու կգրկեմ պզտիկիս․․․

⁕Պետհրատը կծախե իր տպարանները։ Նայինք ինքզի՞նքը երբ պիտի ծախե։

Շաբաթ 3. ― Երեկ երեկո գացեր էի Հայկ Ազատյանին լսելու։ Իմ կարծիքը այս կոմունիստ հռետորին մասին հետևյալն է։ Եթե անիկա այս եռանդով շարունակե հիմարություններ դուրս տալ, պիտի գա օր մը, երբ իր կամքեն անկախ իմաստուն բաներ պիտի խոսե։ Վասնզի աշխարհիս հիմարությունը խոմ անսպա՞ռ չէ․․․

Կիրակի 4. ― Անգլիա, որ մինչև օրս Գերմանիո գետին էր փռեր ու վրան չոքեր, այսօր վեր կհանե, զգեստները կթոթվե ու հետը Լոզանի կոնֆերանսին կտանե։ Անգլիա կուզե հաշտեցնել Գերմանիա Լեհաստանին հետ ու Ռուսիո վրա քշել տալ։ Բայց իզուր, Ռուսաստանը վճռեր է «խաղաղ շինարարությամբ» հաղթել։

⁕Այսօր Չարենցին տեսեր եմ ազատ, փողոցին մեջ պտտելու ժամանակ։ Երևի դատարանը երրորդ վճիռովը մը երեք տարվա պարտադիր ազատության է դատապարտեր Չարենցը․․․

Երկուշաբթի 5. ― Խորհուրդներու ընտրություններու օրեր են․․․

Զեկուցում, շինարարություն, վերելք, տոկոս, բանաձև․․․

Գիտնականնե՜ր, ի սեր մարդկության, ազատվելու հնարք մը ցույց տվեք մեզի այս հեղձուցիչ ճառերեն, որք ավելի սպանիչ են, քան հեղձուցիչ գազերը։ Շուկայի ճամբուն հինգ տեղ բարձրախոս են դրեր, ու ինչքան ալ վազես՝ չես կրնար անցնել, առանց 6 «զեկուցում», 16 «շինարարություն», 116 «վերելք», 1016 «տոկոս» ու մեկ միլիոն տասնվեց «բանաձև» լսելու։

Այսօր բարձրախոսներեն միույն առջև կատարյալ ամայություն էր։ Մինչդեռ երկու քայլ անդին ամբոխը խռնվեր էր ծեր խելագարի մը շուրջ ու հափշտակված կլսեր․ հանգամանք մը, որ ցույց կուտա, որ եթե կառավարությունը կուզե մասսային լսելի ըլլալ, պետք է քիչ մը պակաս խելոք խոսի․․․

⁕Մեր դիմացի բարձր ընկուզենին վրա աս շաբթույս զույգ մը ագռավ բույն շինեց։ Ամեն երեկո որձ ագռավը «խազեինի» մը ինքնագոհությամբ կկենա իր նորակառույց տան դռանը վրա ու հպարտությամբ աջ֊ձախ կնայե։

․․․Թող համարձակվեիր այդ վիճակովդ մարդ ըլլա՜լ, պարո՛ն ագռավ, կտեսնեիր, թե ինչպես «վեշչերդ» փողոցը կնետեր ու մեկ ժամվա մեջ տունդ կգրավեր Գավգործկոմը։

Երեքշաբթի 6. ― Բարեսիրտ տիկին մը միտք է հղացեր «Կենդանիներու պաշտպանության ընկերություն» մը հիմնել Երևանին մեջ ու զիս անդամակցելու կհրավիրե։

― Տիկի՛ն, ― պատասխանեցի իրեն, որովայնիս խորերեն «ա՜խ» քաշելով, ― խորհրդային ներկա կարգերուն մեջ, ոչ թե մարդը կենդանիին, այլ կենդանին «մարդուն» պաշտպանությունը ստանձնելու է․․․ այնքա՜ն ճնշված է մարդը։

⁕Պեկինի կառավարությունը չլսված ձևով վիրավորեր է Ռուսաստանի ներկայացուցչությանը Չինաստանին մեջ, բայց Ռուսաստանը բնավ մտադիր չէ վիրավորվել։

․․․Վիրավորվելու համար հարկավոր է ծախս՝ մանավանդ այժմ։

Չորեքշաբթի 7. ― Տեսած կա՞ք բնավ ինչպես դպրոցի բակին մեջ փչող քամին, անկյուններեն ու խորշերեն դուրս քաշելով թուղթի կտորներ ու քուրջեր, ժամերով կխաղացնե զանոնք հրապարակին վրա։

Դարուս բոլոր «երևելիները» նետված թուղթի պատառիկներ են, որք խորհրդային քամին հրապարակ է բերեր ու կխաղցունե․․․

Բարեկամս, հողմացույց ունիս նե՝ անգամ մը նայե, ե՞րբ կկտրե արդյոք սա անտանելի քամին, ու իրերն իրենց տեղը կվերադառնան․․․

⁕Այսօր ժամի 12֊ին Չինաստանի անցքերու մասին միթինկ տեղի ունեցավ Երևանի հրապարակին մեջ՝ ուր հայ մը, թուրք մը ու տաս տարեկան «պիոներ» մը «կորչի՜ իմպերիալիզմ» պոռացին։

Ինչո՞ւ մոռցված էր բեմ հանել նաև կին մը։ Թեև, ճշմարիտ է, կինը քաղաքականության մեջ խոշոր արժեք մը չի ներկայացներ, բայց թող ըլլա։ Քանի որ տակավին հայտնի չի դարձած, թե «իմպերիալիզմը» ավելի շատ որո՞ւ ձայնեն կազդվե, պետք է ամեն տեսակ ձայներով պոռալ․․․

Հինգշաբթի 8. ― «Ընտրությունները» դեռ կշարունակվեն։

Երևանեն մարդիկ գացին գավառներ։ Գավառային մաշտաբով խոսեցան, կերան, խմեցին, ժողովներ սարքեցին ու պատգամավորները քաղաք բերին։ Քաղաքին մեջ «ընտրվածները» համահայաստանյան մասշտաբով վայելեցին կյանքը, համագումար ըրին ու «ընտրեցին» ու սկսեցին սարեն֊ձորեն խոսել՝ մինչև Թիֆլիսեն Աղամալի օղլին եկավ ու ընտրվածները Թիֆլիս տարավ։ Հոն արդեն համակովկասյան մասշտաբով էր ամեն ինչ։ Եկան ու Թիֆլիսեն Մոսկվա տարան այս անգամ պատգամավորներ․․․ ու այսպես անվերջ։

Սա խորհրդային «ընտրությունները» սաստիկ կհիշեցունեն ինձի գյուղական հարսանիքներ, երբ փեսայի հյուրերը հարսը տանելու ատեն աղջկան հարազատները «խնամի կտանին» իրենց տուն։

Բայց գյուղական հարսանիքներուն ի՞նչ ծախս կերթա օր։ Ամենաշատը եզ մը կմորթեն։ Իսկ հոս ողջ ժողովուրդ մը կմորթվի․․․

⁕Չինական խնդիրը երթալով կմեծնա։ Իմպերիալիստները թեև ռազմապես խիստ ուժեղ են, տեխնիկապես գերազանց, սակայն բոլորովին նշանակություն չունի՝ Ռուսաստանը վճռեր է կռվի պարագային հաղթել անպատճառ։ Միացյալ պետությունները եթե կուզեն հաղթել, պետք է ձգտեն, որ Ռուսաստանի կոմկուսը պարտվելու վճիռ կայացնե։ Ռուսաստանը ջարդելու ուրիշ միջոց չկա․․․

Ուրբաթ 9. ― Հայ բոլշևիկները Զապել Եսայանին Փարիզեն Երևան բերին, որ լծեն իրենց «շինարարությանը»։ Լծված է հիմա։ Ի՞նչ կընե՝ խորհրդային մարագին առջև կուտ կուտե և իրենց փառաբանող օրական երկու հոդված կածե «Երևան» թերթին մեջ, այն ժամանակ, երբ բոլոր հավերը օրական մեկ ձու միայն կածեն։

Ահա ինչ կնշանակե «ռացիոնալ կերակրումը»։

Միայն բոլշևիկները մոռցեր են ածած ձվերը բեղմնավոր դարձնելու համար՝ աքաղաղ մը տրամադրել իրենց հավին․․․

⁕Խորհրդային Ռուսաստանը իր դուռները փակեր ու գացեր Չինաստան կռիվ կընե մեծ պետություններու հետ՝ հետևյալ պայմանով։ Երբ հեղափոխականներն են հաղթող՝ Ռուսաստանն է ապստամբությունը ղեկավարողը, երբ դաշնակիցներն են հաղթող՝ Ռուսաստանը հոդ գործ չունի և զուտ չինական գործ է ատ։

Իսկ Անգլիան ինչպե՜ս գիտի Չինաստանին երեսին վրա Ռուսաստանին ապտակներ հասցնել․․․

Կիրակի 1. ― Այսօրվա թերթը լեցուն է Զվիցերիա գացած խորհրդային ներկայացուցիչներու ճառերով։ «Ան ատեն, ― կգրե խորհրդային թերթը, ― երբ հանդես եկավ Օսինսկին, բոլորը առաջին շարքերը խռնվեցան՝ տեսնելու մեր պատգամավորին։ Ու սաստիկ ոգևորված է թերթը, իզուր կարծելով, թե արտասահմանը խորհրդային մարդու կարոտը կքաշե։

Մինչդեռ, եթե նույն Զվիցերիայի նույն կոնֆերանսին մեջ գորիլա մը ցույց դրվեր, կամ բռա մը, հավատացած եմ լիովին, որ «առաջին շարքերը» ավելի պիտի սեղմվեին, քան հիմա։ Ան ատեն, հարկավ, գորլիաներու կամ բռաներու թերթերը չպիտի հրճվանքի ելլեին, քաջ գիտնալով, որ ամբոխը կխռնե ոչ թե հիանալու, այլ լոկ կենդանական նոր տեսակ մը դիտելու համար․․․

Խե՜ղճ Ռուսաստան․․․ Այնքան պետությունները երեսդ չնայեցան, որ հիմա թեթև ակնարկե մը պար կելնես։

⁕Կարծեմ՝ չեմ հայտնած, որ Մռավյանը Ժողկոմխորհ Սաքո Համբարձումյանի տեղակալն է։ Այո։ Ու սա ամիս մըն է ինչ Համբարձումյանը Մոսկվա է։

Մռավյանը շաբաթ օրը երեկոյան, ըստ սովորականի, երբ կերթա Սաքոյին աթոռին նստելու՝ տակեն «կամա՜ց» կպոռա մեկը ցավագին։

․․․Մի ըսեր, Համբարձումյանը եկեր Մոսկվայեն ու կամաց մը իր աթոռը բռներ է։

Կուսակցության մեջ այս առթիվ մեծ իրարանցում կա։ Ոմանք զՍաքոն կմեղադրեն՝ ըսելով, որ անիկա պարտավոր էր հազալ՝ իր ներկայությունը հիշեցնելու համար, ուրիշներ զՄռավյանին կպարսավեն՝ պահանջելով, որ վերջինս նստելե առաջ «խաբարդա» պոռար։

Երկուշաբթի 2. ― Երեխաս երկու օր է լույծ է, մայրը նստեր շենք֊շնորհքով կուլա։

― Վե՛ր կաց, կնիկ, ― սիրտ կուտամ իրեն, ― երկու օր լուծելեն ի՞նչ կըլլա։ Խորհրդային մամուլը այս տասը տարի է լույծ, ի՞նչ է եղեր։

Երեքշաբթի 3. ― Այսօր արդեն Անգլիա բուն իսկ Խորհրդային Ռուսաստանի երեսին վրա կապտակե Խորհրդային Ռուսաստանը։

Երկու հարյուր ոստիկանով հարձակվեր է Լոնդոնի խորհրդային դեսպանատան վրա, խախտեր բոլոր միջազգային օրենքները, խուզարկեր բոլոր առանձնասենյակները, բռնացեր, օձիքեն քաշեր֊քաշքշեր․․․ վերջապես ըրեր է ան, որուն եթե մեկ հարյուրերորդը վարվեր որևէ այլ պետության հանդեպ՝ քսանչորս ժամվա մեջ պատերազմ սկսեր պիտի։

Բայց Խորհրդային Միությունը շատ է խորամանկ։ Անիկա գիտե, որ Անգլիա կուզե իրեն պատերազմի մեջ քաշել, ու անոր իր նպատակին չհասցնելու համար չի վիրավորվեր։

Ռուսաստանը սկզբունքով վճռեր է՝ Անգլիա ինչ ալ ընե, չվիրավորվի։ Եթե Անգլիա քաշե իր ռազմանավերը ու Կրոնշտադտը ռմբակոծելու ելլի օր մը, Ռուսիա նախ պիտի հարցնե թե՝ պատերազմի՞ համար են այդ բոլորը, թե խաղաղության։ Եթե խաղաղության՝ կվիրավորվի, իսկ եթե ատով Անգլիա պատերազմ կուզե՝ Միությունը ժամանակ չունի ատանկ բաներու։ Թող Պետրոգրադ մտնե, թող Մոսկվայի վրա քալե՝ միևնույն է։

⁕․․․Բայց չէ՞ որ Լենինը ըսեր է, թե մոտ ապագային Խորհրդային Ռուսիա պատերազմ պիտի ունենա իմպերիալիստ պետություններու հետ։ Հետո՞։ Ուրեմն ինչպե՞ս․ բոլշևիկները չե՞ն ուզեր արդարացունել իրենց «Վլադիմիր Իլյիչի» գուշակությունները։

Հետո ալ առանց ամչնալու կըսեն՝ լենինյան գծի վրա ենք կեցած։

1927 թվական

Հինգշաբթի 5. ― Այսօր մեզի՝ Գավգործկոմի պաշտոնյաներուս, հրամայվեց հուղարկավորել կոմունիստի մը, որուն երեսը չեմ տեսեր, անունը չեմ լսեր իր կենդանությանը։ Հարգել անծանոթի մը հիշատակ, հորդ անձրևի տակ ժամ մը քալել դագաղին ետևեն՝ կհավատացնեմ ձեզի, ահավոր դժվար է։

Ընկերներս կհայհոյեին իշխանությանը, իսկ ես կորհնեի ճամբին, որ այսքանովը ազատվեցանք։

Ի՞նչ պիտի ըլլար մերին դրությունը, եթե հրամայված ըլլար նաև լալ մեռյալին համար։ Վասնզի ինչպես գիտեք կոմունիստական դիկտատուրան զգացմունքը չի ճանչնար։ Ամեն ինչ արդյունաբերություն է ու հաշիվ։ Ինչպես դուն «պահանջագիր» կներկայացնես բանկին, թե այսքան ռուբլի «դուրս գրե», անանք ալ կրնան հրահանգել քեզի՝ այսքան կաթիլ արցունք «դուրս գրել»։ Ու պիտի գրես․․․

Ո՜վ իսկական արժանիք ունեցող մարդիկ, ձեզի քիչ մըն ալ զսպեցեք, մինչև այս կարգերը տապալվեն, նոր մեռեք։ Կեղծն ու շիտակը անանկ մըն է խառնվեր իրարու, որ մեռնելուն ամենևին չպիտի գիտնաք՝ ո՞վ ձեզի սրտանց հարգեց, ով՝ ոչ։

․․․Ճշմարիտ է՝ կյանքը այլևս հրապույր չունի իր մեջը։ Եվ ես ձեզմե ավելի եմ ձանձրացեր, բայց ճա՞րն ինչ, պիտի ապրինք։

Բանով մը զբաղվեցեք։

Ես Աստվածաշունչ եմ կկարդամ։

Ուրբաթ 6․ ― Տաճկաստանը, որ Համաշխարհային պատերազմեն առաջ իր ատամը «խորթելու» համար Ռուսաստանեն «չոփ» կներմուծեր, այսօր տիրանալով Սարիղամիշի անտառներին՝ 30 վագոն փա՜յտ կնվիրե Ռուսաստանին․․․

«Վերելքին» սա ճամբովը եթե ընթանա Ռուսաստանը, շուտով պիտի գա այն օրը, երբ Տաճկաստանը Ռուսաստանին նվիրե պիտի ճրագ մը նավթ ու մինչև իսկ հաց․․․

Չեմ հասկանար։ «Վայրէջքն» ինչո՞ւ ռուսերեն լեզվով «վերելք» կկոչվե։

⁕ Դատարանին միլիցիան մեր բակին մեջ Գրիգոր Սողոմոնյան չէ, այլ Կոթոյան։ Միլիցիան, հայտնելով, որ շաբաթ մըն է այդ մարդը կփնտրե ու չի գտներ, կստիպե Գրիգորին ստորագրել կոչնագիրը։

Գրիգորը, դիմադրելով հանդերձ, ստիպման տակ կստորագրե ու վաղը ժամի 10֊ին իբրև Սողոմոնյան դատարանը պիտի երթա՝ դատվելու 107֊րդ հոտվածի ա․ մասով։

Ու սաստիկ կբողոքե։

Ես Գրիգորին սա բուռն բողոքը չեմ արդարացներ, վասնզի հոս դեռ կիսով չափ ճշմարտություն կա։ Ճիշտ է, ան Սողոմոնյան չէ, բայց Գրիգոր ըլլալը չի ժխտեր։ Իսկ ի՞նչ պիտի ըսեր նույն Գրիգորը, եթե ոչ անունը իրենը ըլլար, ոչ ազգանունը։ Միլիցիան կիսով չափ ճշմարիտ է, ու պետք է փոխադարձ զիջողությամբ համաձայնության գային ու բանն անուշի կապեին։ Այլ ոչ թե մեր տնվորին պես երկու ոտքը մեկ փապուճին սեղմելով պնդել, որ ինքը Սողոմոնյան չէ․․․

Շաբաթ 7. ― Երեք օր առաջ խորհրդային թերթերը խոշոր տառերով տպեցին Չինաստանի ապստամբ գյուղացոց հաղթանակի մասին, այսօր փոքրիկ տառերով կգրեն թե ապստամբությունը ճնշված է։ Անցյալ տարի նույն թերթերը մեթրանոց գիրերով՝ Լոնդոնի բանվորներու գործադուլն ավետեցին, այս տարի սաստիկ մանր գիրերով՝ նույն բանվորության պարտությունը։

Եթե մեկը կարճատես է կամ ակնոցը տունը մոռցած, մեծ տառերը միայն կարդալով, պիտի կարծե, որ ողջ տարի հեղափոխության մեջ է աշխարհը ու բնավ չի պարտվեր։

Ու քանի որ այս բոլոր կոմունիստները այդ կարծիքին են, ստիպված ես ընդունել, որ ատոնք կա՛մ կարճատես են, կա՛մ ակնոցնին տունը մոռցած։

Կիրակի 8. ― «Ի՞նչ է կյանքը», ― հարցուց ինձի բարեկամս, որ կիրակի օրերը սովորություն ունի փիլիսոփա ըլլալու։

― Կյանքը, սիրելի՛ս, ― պատասխանեցի իրեն, ― նայած մարդու։ Եթե անկուսակցական գրականագետ մըն է, հետևաբար, անգործ ու անոթի։ Այդ տեսակ մարդուն կյանքը հավասար է չորս ժամ Լուսժողկոմ Մռավյանի դռանը հերթի նստել, չորս ժամ՝ Ժողկոմխորհ Համբարձումյանի, երկու ժամ՝ Գավգործկոմ Կոստանյանի, երկու ժամ՝ Արտժողկոմ Վարդապետյանի։ Քսանչորս ժամ լրանալուն եթե բան մը մնաց, ան ալ ուտելու (եթե ունիս), քնելու (եթե քունդ կտանե), կռվելու (եթե կին ունիս), դուրս գալու (եթե կոշիկ ունիս)։

Եթե մեկը կուսակցության շարքերը նոր է մտեր ու բարձր պաշտոններու կմիտե, ապա Մայիսի մեկին Հրազդան պիտի երթա խոսելու, երկուսին՝ Ղամարլու, երեքին Վեդի Բասար, չորսին՝ Բասարգեչար, հինգին՝ Ղարտուղալի, վեցին՝ Մոլլա Գյոնչկա։ Ու փառք տալու է Աստծուն, որ Հայաստանը ընդամենը վեց գավառ ունի, տասնվեց՝ գավառակ։

Եթե կուսակցական չէ, բայց կուզե օգտվել կուսակցականին հավասար՝ օրական վեց ժամ դաշնակցությանը պիտի հայհոյե, վեց ժամ՝ Անգլիա, վեց՝ Ֆրանսիա, վեց՝ Իտալիա, տասնվեց ժամ խորհրդային շինարարությունը գովե՝ չեղածները ստեղծելով, իսկ եղածները հարյուրով բազմապատկելով ու արտադրյալին հինգ հարյուր ավելցնելով։

Եթե մեկը կոմիսար է արդեն ու, մանավանդ, հին ստաժի կուսակցական, սիրե պիտի առավոտ Սիրուշին, Գեղուշին, Հեղուշին, կեսօրին՝ Հրուշին, Վարդուշին, Մաթուշին, իրիկուն՝ և անոր հաջորդող գիշերը՝ Մանուշին ու մնացյալ բոլորին։ Մեկ խոսքով պարապե «խորհրդային շինարարությամբ»։

Ըսի՝ ի՞նչ է կյանքը․․․

⁕ Այսօր կոշիկներս կարկտելու համար էժանագին շուկա գացի ու հնակարկատի մը տաղավարը մտա։ Գջլոտ, կեղտոտ, փայտե տաշտի մը մեջ ջուր էին դրված մանր կոշիկներ, որք սկսեր էին հոտել արդեն։ Այդ հոտած տաշտի ճիշտ վերը հնակարկատը փակցուցեր էր Լենինի պատկերը՝ մեռած։

Լավ է, որ մեռած պատկերն էր զարկեր, վասնզի եթե կենդանի Լենինը զարներ, միևնույն է այդ հոտին չդիմանալով՝ պիտի մեռներ․․․

Երկուշաբթի 9․ ― Նախկին Ջանփոլադյանի թատրոնը վերանվանված էր Տրոցկու անվամբ, ինչպես գիտեք։ Հիմա, երբ Տրոցկին օպոզիցիոներ դարձավ, թատրոնին անունը փոխեցին՝ «Կարմիր աստղի», առանց գիտնալու, որ աստղերու մեջ էլ կան մոլորակներ, որոնք օր մը կրնան մոլորվել, ստիպելով թատրոնի վարչությանը «աստղն» ալ փոխել։

Ու առհասարակ կոմունիստները գիտնալու են, որ մեռյալներեն ու իրենց լենինյան անկենդան դոգմայեն զատ աշխարհիս մեջ ամեն ինչ կշարժվի առաջ կամ հետ։

⁕Մանրավաճառները, արհեստավորները, մինչև իսկ կառապանները տուրքերու ծանրութենեն ազատվելու համար սկսեր են Լենինի մեծադիր նկարներ փակցնել խանութին ու կառքին պատերուն։ Բեռնակիրները, որք պատ չունին, արձաններ կուզեն դնել ուսերուն վրա։

․․․Իսրաելացիք անապատի օձերեն ազատվելու համար պղնձե օձեր կգործածեին։

Երեքշաբթի 10. ― Ժամանակ մը սաստիկ հետաքրքիր էի գիտնալու, թե սա դուրսին չքավորության մասին մտածող, պրոլետարիատի պաշտպանի քղամիդի մեջ փքված կոմունիստները եթե կոտրենք, մեջեն ինչ պիտի դուրս գա։

Այսօր մեկն ատոնցմե պատահմամբ կոտրվեց, և ի՜նչ դուրս գա մեջեն, որ աղեկ ըլլա։ Սպեկուլյանտ մաքսանենգ մը, որ պետական օթոմոպիլով Նախիջևանեն ապրանք կբերեր ծախելու։ Պապյան Վաղինակ՝ հայտնի կուսակցական ու Հեղկոմտրեստին նախագահը։

Սահմանապահ զինվորին գնդակեն կկոտրվի իր կոմունիստական բարակ կեղևը ու դուրս կուգա ներսի իրականը։

Չորեքշաբթի 11․ ― Անգլիա իր հարաբերությունները խզեց Ռոսիո հետ ու իր դեսպանները ետ կկանչե։ Բոլշևիկ Ռուսաստանը ներս է քաշվեր ու ժողովրդյյան դուրս հաներ, որ պոռան պատերազմ չենք ուզեր։ Ժողովուրդը քաջ գիտնալով, որ ինչքան բարձր պոռա՝ Անգլիա իր ձայնը չպիտի լսե՝ բոլոր ձայնով մեկ կպոռա՝ պատերազմ չենք ուզեր։ Երևանի ժողովուրդն ալ ժամի վեցին կանչեցին Գավգործկոմի հրապարակը ու պոռացուցին։

Խոսք չունիմ, աղաղակը բարձր կհնչեր, բայց ոչ մեկը թող տարակուսե, որ եթե ժողովուրդին հրամայվեր պոռալ «պատերազմ կուզենք»՝ ատկե երկու անգամ բարձր ձայն լսվեր պիտի։

Ռուսաստանի ժողովուրդները պատերազմ կուզեն։

Ու պատերազմ կուզեն ոչ թե Անգլիո ջարդելու, այլ անկե ջարդվելու համար։ Ժողովուրդը իր բռնակալ կառավարության գլուխը սալին դրած՝ Անգլիո հզոր կռանին կսպասե, զայն ջախջախելու համար։ Ժողովուրդը ազատության հոտ է առեր ու ռունգերը լայնացուցած, ոտները կդոփե։ Ժողովուրդը, որ գրաստացած է քանի մը տասնյակ բռնավորներու տակ, կպատրաստվե ոտներու տակ առնել անոնց։

Ազատությո՜ւն․․․ երբեք կյանքիդ մեջ այնքան անձկավ չես փնտրված՝ ինչպես այսօր։ Վասնզի երբեք բռնությունը այնքան ծանր չի եղեր՝ ինչպես այսօր։

(Հուզված եմ)։

⁕Այսօր կնկաս հարցուցի․

― Ի՞նչ պիտի կոչե հարևանուհի Մարգարիտը իր տղուն, երբ ազատություն ըլլա։ Նորե՞ն Լենին։

― Լենինը միայն դուրսը կգործածե, իսկ տան անունը Լևոն է, ― պատասխանեց կինս։

Շուտով, շուտով, բոլոր Լենինները Լևոն պիտի դառնան, ու Լենինի պատկերը մուզեյներու մեջ պիտի երթա տեղ բռնելու Լենկ Թեմուրներու և Չինգիզ Խաներու կողքին։

Հինգշաբթի 12 ― Պզտիկ, բայց հետաքրքիր նորություն մը։

Կոմկուսակցությունը վտարեր է իր կուսակցության շարքերեն Վաղինակ Պապյանին․․․ դիակը։

Անիկա արատավորեր է եղեր կազմակերպության անունը։

Կնշանակե այն կոմունիստները, որ չեն արատավորեր կազմակերպության անունը, բայց կմեռնին, անոնց դիակները դեռ կշարունակեն կուսակցության շարքերը մնալ․․․

․․․Ծո՛, միգուցե՞ Սաքո Համբարձումյանը դիակ մըն է, որը սակայն, կուսակցության անունը արատավորած չըլլալուն համար դեռ կշարունակե կուսակցության շարքերը մնալ։

Խե՜ղճ մարդ, որքան պարսավեցի զինքը․․․ կենդանի կարծելով։

Բայց ես մեղք չունիմ։ Կուսակցությունը պարտավոր է պզտիկ նշանով մը զանազանել մեռյալները կենդանիներեն։

Անանկ է նե, մեռնելես վերջ կոմկուսակցության շարքերը պիտի մտնիմ։ Եվ ի՞նչ։ Կենդանի մարդուն բնավ ընդունելի չէ այդ շարքերը։ Մեռելներու մեջ շատ հեշտ է միասնականություն պահպանել։ Եթե Զինովևն ու Տրոցկին մեռած ըլլային, խոմ այսօր փորձանք չէին դառնա կուսակցության գլխին․․․

Ուրբաթ 13․ ― Այսօր սպանեցին Ռուսաստանի դեսպանը Լեհաստանին մեջ։ Ամեն կողմե կխթանեն բոլշևիկներու ինքնասիրությունը, որ պատերազմի ելնի, բայց դժբախտաբար Խորհրդային Ռուսաստանը, ինչպես բազմիցս կրկներ է, վիրավորվելու ժամանակ չունի, զբաղված է սոցիալիստական շինարարությամբ։ Իր զրույցին մեջ խորհրդային արտաքին գործերու կոմիսարը թեև կըսե, թե մեր համբերության բաժակը լեցվելու մոտ է, բայց սո՜ւտ։ Խորհրդային Ռուսաստանի համբերության բաժակը լցվելիք չունի, և ինչպես կերևի նշաններեն․․․ ծակ է։

․․․Եթե մյուս բոլոր պետությունները, հետևելով Խորհրդային Ռուսաստանի օրինակին, պզտիկ ծակ մը բանային իրենց համբերության բաժակին վրա՝ այլևս աշխարհիս վրա բնավ պատերազմ տեղի չէր ունենա։

Շաբաթ 14. ― Աբովյան և Ազատության փողոցի անկյունը դրված է ոմն Սպանդարյանի փառահեղ արձանը։ Ոչ մեկը կճանաչնա ժողովուրդեն, ոչ մեկը լսեր է այդ մարդու մասին։ Բայց այդ արձանը շինված է ժողովրդի ծախսով և ժողովրդի համար, որ նայե վրան։

Հատ մըն ալ արձան «Անգլիական այգու» մեջ կա, որի ով ըլլալը ոչ մեկը չի գիտեր, ու կեցած է իր վես հասակովը որպես իսկական հանելուկ մը։

Չեմ հուսահատվեր։

Երբ բոլշևիկները, ավարտելով իրենց գոյ սորված դերը, վար կիջնեն պատմության բեմեն, ան ատեն ժողովուրդը կկենա այդ ինքնակոչ արձաններու դիմաց ու կհրամայե․

― Մաքրեցեք պատվանդանները, որ նստե մեր սիրածը, մեր ծանոթը։

Չգիտցողները գիտնալու են, որ «մեծ» մարդիկ չեն «շինվեր», այլ կստեղծվեն։

⁕Ի պատասխան Լեհաստանի ռուս դեսպանի սպանությանը, Մոսկվայի կառավարությունը 20 ռուս գնդակահարեց։

Կիրակի15. ― «Պանիր֊յուղ կենտրոնը», որ սա չորս ամիս է ո՛չ պանիր ունի, ո՛չ յուղ, պանիրի փայտե խրտվիլակ մըն է դրեր ցուցափեղկին մեջ, ի հիշատակ այն բանի, որ ժամանակ մը պանիր է ծախված։

Սակայն, մուզեյը կատարյալ ըլլալու համար պետք չէ՞ր, որ փայտե պանիրին կողքը դրվեր փայտե խանութպան ու փայտե հաճախորդ մը․․․

Ատաղձագործնե՜ր, եթե հեռատեսություն ունիք, խանութնիդ փայտ լեցուցեք, վասնզի «շինարարության» այս թափը կանգ չի առնի անշուշտ, և շուտով պատվեր պիտի ընդունեք շինելու փայտե հաց, շաքար, յուղ, մանիֆակտուրա։ Գուցե և փայտե գլուխ մը՝ այս կառավարության համար։

Այնպես որ, փայտ հավաքեցեք․․․ եթե կրնաք ճարել։

Երկուշաբթի 16․ ― ․․․ Ո՜վ հեզաբարո, բարեսիրտ, բարերար ու քնքո՜ւյշ ավազակներ․․․

Ի՞նչ կընեիք որ։ Ամենաշատը կբռնեիք մենավոր ճամբորդը մը, ձեռները ետևը կկապեիք, բերանը թաշկինակ մը խոթելով՝ վրա գլուխը կկողոպտեիք ու շատ֊շատ սանկ թեթև մը կսպանեիք զինքը ու կերթայիք ձեր գործին։

Սա ավազակության քարե շրջանն էր։

Տեսեք, թե հիմա խորհրդային կառավարությունը իր ժողովուրդը կողոպտելու ի՜նչ «ինդուստրիալ» մեթոդ է հնարեր։

Ինչպես որ «ոստիկանը» «միլիցիա» է փոխեր, «պարոնը»՝ «ընկեր», «դասարանը»՝ «խմբակ», անանկ ալ «ավազակությանը» «պետական փոխառություն» անունն է տվեր։

Տարբերությունը այս երկու ավազակությանց այն է, որ ներկա «ինդուստրիալ» ավազակությունը նախկին «հովվերգական» ավազակության բոլոր ձևերը կիրառելեն վերջը կգրե իր թերթերու մեջ․

«Ժողովուրդը խանդավառությամբ կմասնակցե փոխառությանը, սաստիկ ուրախ է, կբողոքե անգամ, թե ինչո՞ւ փոխառություն չես կնքեր, կվիրավորվե․․․

Հիմա հասկացա՞ք հին ու նոր ավազակությանց տարբերությունը։

Հին ավազակը, կողոպտելեն վերջ թաշկինակը կհաներ բերնեդ ու իրավունք կուտար քեզի լավ մը հայհոյել իր ետևեն։ Իսկ նոր ավազակը բերանդ ազատելով, կստիպե, որ իրեն փառաբանես, քո բարերարը հռչակես, «խանդավառվես» ու ուրախ ըլլաս։

Հոստեղեն սա հարցը։

― Ինչո՞ւ բոլշևիկյան կառավարությունը ամեն օր՝ օրական երեք անգամ փոխառություն չի կնքեր։

Չի՞ ուզեր, որ իր ժողովուրդը «ուրախ» ըլլա, ինչ է․․․

Չորեքշաբթի 17. ― «Բանկոպները» աշնան կովերու նման ցամքել սկսած են, բախշվելիք կենսամթերքներու չափը օրեօր կպակսե։

― Ի՞նչ խայտառակություն է աս, կես կիլո կաթով չորս երեխա ինչպե՞ս կերակրեմ, ― կպոռար հարևանուհիս՝ նախկին պանրագործի կինը, խոշոր աման մը ձեռքին․․․

― Ոչ մեկ խայտառակություն, տիկին, ― պատուհանս բանալով, ըսի իրեն։ ― Դուք պարտավոր եք այնքան երեխա ունենալ՝ ինչքան կաթ ունի «բանկոոպը»։ Որտեղ է տեսնված, որ պետությունը մասնավորին հարմարի․․․

Հինգշաբթի 18. ― Գործով միլիցատուն գացի այսօր ու պժգալի տեսարանի մը ականատես եղա։ Տնվոր մը այնքան էր ծեծեր իր տանտիրոջը, որ ողջ ոսկոր չէր մնացեր վրան ու պատգարակով էին բերեր քննության։ Քանի ծեծվածին «դասակարգային վիճակը» պարզ չէր՝ միլիցապետը արգահատանոք կնայեր հիվանդին, բայց քննության ընթացքին, երբ պարզվեցավ, որ սեփական տուն ունի մարդը, որ այդ տունը չորս սենյակ ու երկու նախասենյակ ունի, երեք տարի առաջ վեց կով է ունեցեր ու 12 ոչխար ու ժամանակ մը մտադրված է եղեր առուտուր ընելու՝ վերաբերմունքը դեպի ծեծվածը մեկեն փոխվեցավ։ Հիմա արդեն սկսեցին բարկանալ տնվորին վրա, ոչ թե անոր համար, որ ծեծեր է, այլ անոր համար, որ․․․ քիչ է ծեծեր։

Քննութենեն վերջը, երբ մեկը մեկուսի հարցուց ծեծվածին առողջական դրության մասին՝ միլպետը պատասխանեց․

― Վերքերը վտանգավոր են թեև, բայց հոգ չէ, հարուստ տնատեր է․․․

⁕ Աղջիկը կթված, 24 ժամ բաց ամանի մեջ անշարժ լեցված կաթ է։ Երբ նոր կմոտիկնաս՝ ամբողջովին սեր է, թանձր, մատի մը հաստության։ Բայց օ՜հ, երբ ամուսնացար, հետը ապրեցիր, խառնեցիր այդ կեղծված կաթը, ջուրի ինչ ըլլալը նոր կհասկանաս։

Կի՜ն։ Ո՜վ դու անխուսափելի փորձանք։ Քանի՞ մարդ կամուսնանար հետդ՝ եթե վերջին խոսքդ առաջը զուրցեիր․․․

Ուրբաթ 19. ― Ճաշարան մտնող մը, ինչպես որ իր առջև դրված կերակուրի ցանկին նայելով պարտադրաբար մատը որևէ մեկ կերակուրի վրա պիտի դնե՝ անանկ ալ աս աշխարհ եկողը (մանավանդ այս կուսակցության տարուն) աշխարհայացք մը ունենալու է։

Բայց ի՞նչ արժե այն «հայացքը», երբ չես գիտեր, թե ի՞նչ է աշխարհը։

Աշխարհը անթափանցելի լաթի մը մեջ փողոցեն կանցնե ու մարդիկ պատուհանին առջև կնային։

― Արջ է, ― կըսե մեկը։

― Ուղտ է, ― կձայնե մյուսը։

― Ճանճ է, ― կմրմնջա երրորդ մը։

Իսկ բանը մը, որ միաժամանակ թե՛ արջ է, թե՛ ուղտ, թե՛ ճանճ՝ պարզ չի՞ նշանակեր, որ այդ երեքեն և ոչ մեկն է․․․

Ո՛չ ախպար։ Ես՝ ես եմ, նստած ճաշարանին մեջ, հայացքս կերակրացանկին ու որ անունին կնայեմ՝ սիրտս կխառնե ուժգին։

Երևակայեք նետ մը, որսորդի մը աղեղեն փրթած, ճամբին ինքն իրեն որոշի նապաստակի՞, գայլի՞, թե՞ աղվեսի կուրծքը պիտի մխվե։

Իզո՜ւր հոգ մի՛ ըներ, նետիկ, դուն մտնելու ես այն կենդանու կողքը, որին որսորդը նշան է բռներ․․․

⁕ Սա կառավարությունը․․․

Կուսակցական տոներուն բռնի ուժով ամբոխը փողոցը կքշե ու ետևեն լրագրողը կղրկե նկարագրելու այդ «խանդավառ ցույցը»։

Ճիշտ այնպես, ինչպես որսորդները կաքավները կթողնեն, որ օդին մեջ խփեն․․․

Շաբաթ 20. ― Կոոպերատիվ վարչությունը երեք հազար գործակատար է դրեր իր դատարկ խանութներուն մեջ, որոց պաշտոնը հաճախորդներու բոլոր հարցերուն «չկա» ըսելն է։

Տրամաբանորեն՝ քանի խանութները դատարկվեն, վարչությունը այնքան իր ծառայողներու թիվը ավելցնե պիտի, վասնզի եղած գործակատարները քանի՞ բերնեն ըլլալու են այդքան առատ «չկա» ըսելու համար․․․

⁕ Ամեն տեղ, ուր մտնես՝ պրոֆմիության տոմս կպահանջեն։

Ու եթե օր մը ջուրն իյնալու ըլլաս, չհուսաս, որ ազատել ըլլա քեզի․․․ տոմսդ չտեսած։

Տետրի վրա թիվ չկա, հավանաբար՝ 1927 թվական

Չորեքշաբթի 19. ― Անգլիական այգիին մեջ կանգնեցված Ալեքսան Ռաբինիին արձանը այսօր հանվեց։ Հիշյալ Ռաբինին բանեն դուրս կուգա որ բոլշևիկ չի՜ եղեր ու սխալմամբ երկու տարի անմահացեր է․․․

Հինգշաբթի 20. ― Խորհրդային կառավարությունը սկսեր է մոտակա պատերազմի համար ռազմափորձերու քշել 10-12 տարեկան մանկիկներ երկու սեռեն։

Այսօր տեսա խումբ մը, որոնց ուսին կախված հրացաններու ծայրը ցեխոտեր էր՝ գետինը քսվելուն պատճառով։

Այս հասակի մարտիկները, կռվի ժամանակ կճանկռեն սովորաբար, կամ կկծեն։

Ու այսօր Անգլիա, որ տենդագին պատրաստություն կտեսնե պատերազմի, եթե գիտնա, թե որո՞նք պիտի կռվեն իր դեմ, ոչ թե թնդանոթներ պիտի ձուլե, այլ կոնֆետ ու շաքարեղեն, իր ապագա ախոյանին գրավելու և շտապ հաշտություն կայացնելու համար։

Ուրբաթ 28. ― Կին մը տեսա կերթար։ Հաստ։ Ոտները գերան։ Կզակին օգնական կզակ մը կախ։ Տակառաձև ու ահարկու։

Ինչո՞ւ այդպես։ Այն մկանները, որք պիտի չնպաստեն մարմնույն գեղեցկությանը՝ ինչո՞ւ կրել։

Մեռնելուն՝ վա՜յ իր դագաղը կրողին։ Եթե վարձու մարդ է՝ վա՜յ քո տիրոջ․․․ պիտի մռմռա քիթին տակը։ Եթե հարազատ բարեկամը կամ որդին՝ ա՜խ մայր իմ, պիտի գոչե արցունքներու մեջեն, շատ կցավիմ, բայց ինչո՞ւ այդքան ծանր։

Քաղաքական տեսակետեն կատարյալ խոչընդոտ մը կոմունիզմին հասնելու համար։ Ապագա սոցիալիստական հասարակարգի գնացքներուն ու կառքերուն մեջ միշտ երկու մարդու տեղ պիտի բռնե, բայց մեկի չափ աշխատե։

Շաբաթ 29. ― Շուկա իջա համրիչ մը առնելու, և բանեն երևաց, որ Երևանին մեջ համրիչ չի ճարվեր։ Ի՞նչ ընեն սա բազմահազար անգործները հապա։ Ինչի՞ հետ խաղան։ Ի՞նչ կխորհի Աշխատանքի բորսան, որ պաշտոնն ունի գործավորելու սա անգործները։ Հիմա, մանավանդ, երբ հարյուրեն մեկը պեխ չունի սրելու ու մորուք չունի ծայրը կրծելու։

Մեր կառավարությունը աչքերը պինդ գոցած, ամեն գնով դեպի էլեկտրիֆիկացիա կտանի երկիրը։ Շատ աղեկ, ենթադրենք, թե պատրաստ են հազարներով էլեկտրակայաններ միլիոնավոր ձիու ուժերով, բայց այդ ուժը ի՞նչը պիտի շարժե, երբ գործարան չկա երկրին մեջ։

Եթե բոլշևիկ կառավարությունը այս հանգամանքը ի նկատի չառնե՝ պիտի գա օր մը, երբ էլեկտրական կայաններուն․․․ համրիչ առաջարկե քաշելու։

⁕Երեկոյան թատրոն գացի։

Խումբ մը մարդիկ ուշանալուն պատճառով դուրսը մնացեր էին։ Վարիչը դուրս եկավ, Ցեկայի անդամ երեք պատասխանատու կոմունիստներու ռևերանսով ներս տարավ, մնացյալները, որք բոլորն ալ բանվորներ էին՝ դուրս մնացին։

․․․Իսկ խորհրդային լրագիրը առանց ետևը նայելու արագ քայլելով դեպի «հավասարությունը» կերթա։

Կիրակի 30. ― Այսօրվա «Խորհրդային Հայաստանին» մեջ Կոմկուսի քարտուղարի խոսքերեն կերևա, որ կառավարությունը կվախնա, որ կոմսոմոլի աճող մեծ քանակը, իր շատության պատճառով, «չկարողանա առնել իր հովանավորության տակ»։

Ճիշտ է, կառավարության անդամները երեք հազար, իսկ կոմսոմոլը չորս հազար են, բայց չէ՞ որ վերջիններս հասակով փոքր են, հետևաբար տարածականությունը պզտիկ է։ Ո՛չ, ո՛չ, պետք է նստել վրան ու փորձել։

Ես մեր հավերուն տակ երբեք տասնհինգե պակաս ձու դրած չունիմ, ու ոչ մեկը այդ հավկիթներեն լակ չեղավ։

⁕ Այսօր նախաճաշեն ետքը, սպիտակեղեն առնելու համար, կոոպերատիվին մեջ ճզմվեցա մինչև ճաշ ու բոլորովին կուշտ սեղան նստա։ Առտվան կերածները մարսվելու համար միջոց չէին ունեցեր ստամոքսը իջնելու՝ ճնշումեն։

Երկուշաբթի 2. ― Ի՞նչ է սոցիալիզմը։

Մեկը բոլորի, բոլորը մեկի համար։ Եվ ոչ յուրաքանչյուրը իր համար։

Սոցիալիստական թագավորության մեջ դուն քո ակռայի ցավը պիտի տաս ընկերդ քաշե, ան ալ իր սիրածը պիտի տա դուն վայելես։ Երբ ընկերիդ որդին մեռնի՝ դուն պիտի լաս ու մազերդ փետտես, իսկ անիկա հարսանիք երթա քո փոխարեն։ Ինչո՞ւ։ Վասնզի դուն անոր համար ես, ան՝ քեզի համար։ Եվ բնավ յուրաքանչյուրը իր համար։

Դուն պիտի ընկերոջդ խելքովը մտածես, ընկերդ՝ քո խելքով։ Ու եթե հուսահատեր ես ու ալ անձնասպան կուզես ըլլալ՝ հրազենդ ոչ թե քո, այլ ընկերոջդ քունքին ուղղե։ Եվ աս կըլլա սոցիալիզմ։

․․․Ո՜վ մարդկային տխմարություն։

Այսօր չքավորները կպահանջեն հանուն հավասարության իրենց վրա բաժնել ունևորներու հարստությունը։ Այս դեռ հնարավոր է, իսկ ի՞նչ պիտի ըլլար աշխարհիս վիճակը այն ժամանակ, երբ օր մըն աշխարհիս անտաղանդ բանաստեղծները միացած՝ պահանջեին բաժնել Շեքսպիրին հանճարը իրենց վրա․․․

Չորեքշաբթի 3. ― Այո՛, մեկը բոլորի, բոլորը մեկի համար։

Այս ֆորմուլը եթե հագցունենք Խորհրդային Ռուսաստանին, կստացվի 144 միլիոնը մեկ միլիոն կոմունիստներու համար, իսկ մեկ միլիոն կոմունիստները՝ ոչ ոքի համար։

Աս ալ ձեզի բոլշևիկյան սոցիալիզմ։

⁕ Այսօր պրոֆմիության շենքին պատի տակ մարդ մը և կին մը, երկուքն ալ կույր մուրացկան, իրար գովասանելու էին ելեր։

― Ես քո դեմքեդ ավելի չքնաղը դեռ տեսած չունիմ, ― կըսեր կույր մարդը, դեպի երկինքը ուղղելով փակ աչքերը։

― Ես քոնեն ավելի առնական արտահայտության հանդիպած չեմ, ― կպատասխաներ կույր կինը՝ համեստությանը պատճառով իր աչքերը դեպի վարը հակելով։

Ես անցա սա զույգին քովեն, առանց լսելու աշխարհիս ամենաչքնաղին ու ամենաառնականին հետագա սիրային զեղումները։

Այս սիրահարությունը կհիշեցնե ինձի այն պարագան, երբ Եվրոպայի բանվորներու ներկայացուցիչները Ռուսաստան կուգան ու հայացքը դեպի վեր՝ կհիանան բոլշևիկներու ստեղծած սոցիալիստական կարգերու վրա, իսկ բոլշևիկյան կառավարությունը, աչքը գետնին, կմեծացնե առաջիններու թափած աշխատանքը՝ հայտնելով, որ այդ բոլորը իրենց համար է։

Հինգշաբթի 4. ― Լեհաստանը զորք կտեղափոխե Լիտվայի սահմանը։ Օ՜, կպոռա Խորհրդային Ռուսաստանը սարսափած։ Լորդ Բոլդվինը բան մը կփսփսա Պուանկարեին ականջին։ Օ՜, կաղաղակե Ռուսաստանը, կպատրաստվեն մեր վրա քալելու։ Լեհ վարչապետ Պիլսուդսկին անկարող է շարժում մը կատարել, որ Ռոսիո վրա սարսափ չբերե։ Իր լռությունն անգամ կասկածելի է։

Կճանչնամ 95 տարեկան, ատամները թափած, ներքին արատներով լեցուն, բայց հարուստ ծերունի մը, որ դրամի ուժով տիրացել է քնքույշ, նազելի, բայց աղքատ 16 տարեկան աղջկա մը։ Աղջիկը անխնա վատնեց ծերին ստակը, և երբ վերջինս աղքատացավ՝ քսան տարեկան երիտասարդի մը հետ փախավ։

Մեր պետական կուսակցությանն ալ կսպասե ճիշտ նման վախճան մը։ Արդի մեկ միլիոն անդամները, որ կուսակցությանը կապված են միայն ու միայն դրամով, կուսակցության աղքատության առաջին րոպեին պիտի լքեն լենինյան կուսակցությունը ու փախչեն մենշևիկյան, դաշնակցական կամ մուսավաթ կուսակցության հետ, թողնելով Ստալինին՝ Լենինի փեշը ձեռքին, միայնակ կանգնած իր «անմոռանալի» ուսուցչի գերեզմանին մոտ․․․

Շաբաթ 6․ ― Ամեն անգամ, երբ կդիտեմ տոնական շքերթներում բռնության տակ իրար ետև շարված խեղճ անկուսակցական պաշտոնեությունը ամոթխեղդ կերթա, կհիշեմ «Լիվինգստոնը Աֆրիկայի խորքերը» գիրքը, որու մեջ նկարված է, թե ինչպես վայրենիները գերիներու գլուխը կոճղելու մեջ ամրացած, իրար ետև շարած, կքալեցունեն հրացանավորներու հսկողությամբ։

Մեր շքերթներուն հրացանավորներ չեն ետևեր, անոնք հեռվեն կդիտեն միայն ու բացականերուն, վերջեն, գրչի մեկ հարվածով պաշտոնազուրկ կընեն։

Կիրակի 7. ― Ամեն ինչ դրամով։ Ա՛ռ քեզի 1000 ռուբլի՝ ինձի գովե կիլո մը։ Ա՛ռ սա հարյուրնոցը դիր գրպանդ՝ տես ինչքա՜ն գեղեցիկ են մեր կարգերը։ Համեցեք մեզ մոտ ճաշի՝ տեսեք որքա՜ն շինարար ենք։

Կուզե՞ք ապսամբեցնեմ Ավստրիան։ Ահա կարգադրեմ․ «Ընկեր Ռոլանդ, կուղարկեմ քեզի դրամ և խնդրեմ մեկ միլիոն ութը հարյուր հազարի ցույց կազմակերպե Վիեննային մեջ, վիրավորներու ու սպանյալներու համար առանձին»։ Փարիզի՞ն մեջ՝ ահա․ «Փարիզ․ Խորհրդային Ռուսիո ներկայացուցչին։ Կուղարկեմ ձեզի 16 հազար ռուբլի և կարգադրե, որ հատը մեկ ռուբլիով «կորչի՜ իմպերիալիզմ» պոռացվի գլխավոր հրապարակներեն միույն մեջ։ Բարձր պոռացողներուն՝ երկու ռուբլի»։

Իտալիա՝ համեցեք, «Ալեքսևին։ Կուղարկվի ձեզի 40 վագոն ալյուր, ծախե, ցուցարարներուն բաժնե, թող խլրտեն։ Կամ կուզես հաց թխե, թող ուտեն ու գործեն»։ Զվիցերիա՝ ահա․ «Սիմյոնովին։ Կուղարկեմ հարյուրանոց մը 53 ռուբլիի ցույց կազմակերպե՝ մնացյալը դարձուր»։

Իսկ եթե կուզես գիտնալ, թե բոլշևիկյան իշխանությունը դեռ ինչքա՞ն կապրի՝ քսակը շոշափե, եթե կերևա, որ արդեն դատարկ է՝ մի մտածիր, անմիջապես քահանայի մը ետևեն վազե։

⁕ Կուսակցությունը Տրոցկիին ու Զինովևին վտարեց կուսակցութենեն, բայց դուռը ետևնին չի գոցեր, իմացնել ուզելով՝ թե երբ ալ դառնաք, մեր գիրկը բաց է ձեր համար։

․․․Բայց հետաքրքիր է, եթե սա անառակ որդիները դառնան՝ լենինյան կուսակցությունը քանի՞ մարդ պիտի մորթե ուրախութենեն և քանի օր շքերթ պիտի կազմակերպե 150 միլիոն անկուսակցականներե։

Երկուշաբթի 8. ― Այսօրվա լրագրի մեջ տպված է Ստալինի մեկ քիլոմեթրանոց ճառը օպոզիցիայի դեմ, ուր կըսե․ «Օպոզիցիան մեր դեմն է ելեր, կպայքարե, կդավե՝ այդ դեռ բան մը չէ, մենք կրնանք խնդալ միայն իր զուր ջանքերու վրա, բայց, ընկերնե՛ր, սոսկալին այն է, որ իրեն կգործակցեն ոչ կուսակցականները, դուրսի մարդիկ, որու դեմ մենք արդեն անկարող ենք լուրջ միջոցներ չձեռնարկել»։

Ժամանակով Վանի առաջնորդ Վահրիճ եպիսկոպոսին բռնեցին ախոռին մեջ կովի մը հետ միավորման րոպեին։ Քաղխորհուրդը այս դեպքին առիթով հայտարարած իր վճռին մեջ կըսեր․ «Եթե սրբազան հայրը միավորված ըլլար մարդկային ցեղի որևէ անհատի մը հետ՝ այդ հոգ չէր, բայց միավորվել անասունի՜ մը հետ, Աստված իմ․․․ դեպք մըն է ասիկա, որն հանդուրժել անհնար է․․․»

Երեքշաբթի 9. ― Ի՞նչ է պետական շինարարությունը։ Ամառը ձեռք ձեռքի վրա նստել, ձմեռը տուն շինել, որ շաղախը պաղի, որ գարնանը հալի, որ հաջորդ տարի նորեն շարվի՝ նորեն փլվելու համար։

Ի՞նչ է պետական արդյունաբերությունը։ Պետական արդյունաբերություն կնշանակե երեք հազար զույգ ոչխարի կաշի թաց֊թաց և անաղ իրար վրա դարսել ու վերջեն տանել խորը հողի տակ թաղել։

Իսկ այն հարցին, թե ի՞նչ է պետական առուտուրը և բանկոոպը՝ կպատասխանեմ։ Ձմեռվա դեռ սկզբին մեկ գրամ վառելափայտ չունենալ պահեստներուն մեջ ու երթալ մասնավոր առևտրական թուրք Մաշադի Նաղիեն փայտ գնել 45 կոպեկով, բաժնել դպրոցներուն, պաշտոնատներուն և կոմիսարիատներուն։

Ո՜վ կարգեր, որ մասնավոր առևտրականի դիակների վրայեն դեպի սոցիալիզմ տանեք պիտի ժողովուրդը․․․

Հա՛, ես մոռցա ըսելու, թե ի՞նչ կնշանակե պետական գանձարան։

Պետական գանձարան կնշանակե սնդուկ մը, սնդուկին քով մարդ մը, որ կխաբե փայտավաճառ Մուշադի Նաղիին՝ ըսելով․

― Փայտիդ փողը մեկ շաբաթեն եկուր առ․․․

Այս դրության մեջ, կկարծեմ, եթե այդ «սոցիալիզմ» կոչվող ջենեբեթը, խորհրդային երկրին դռները բացած, ներս մտնելու պատրաստ անգամ ըլլա, տեսնելով այս՝ դուռը շրմփալով փակե պիտի ետևեն ու երթա՝ այլևս չվերադառնալու համար․․․

⁕ Ճաշարանին մեջ, ետևիս սեղանին նստած էր սիրահար զույգ մը։ Տղան այսպես կխոսեր․

― Գոհա՛ր ջան, շուտ չամուսնանանք։ Գեթ ամիս մը իրար հետ ապրինք, բնավորությանց ծանոթանանք՝ նոր պսակվենք։

Անմե՜ղ թռչնիկ։

Ես սա 13 տարի կապրեմ կնկաս հետ՝ իբր կրցած եմ ծանոթանալ իր բնավորությանը, մնաց դուն՝ մեկ ամսվա մեջ։

Ամուսնացի՛ր, ամուսնացի՛ր խեղճ տղա։ 60 տարի անգամ ապրիս կնկա հետ՝ իր ինչ ըլլալը նորեն անծանոթ պիտի մնա քեզի․․․

Չորեքշաբթի 10. ― Մոսկվային մեջ այսօր բացվեց կոմունիստական ինտերնացիոնալի նիստը, որտեղ անգլիացի, ֆրանսիացի, գերմանացի և իտալացի պատգամավորները Եվրոպայեն եկած են բոլշևիկյան կարգերը փառաբանելու ու երթալու։ Կդրվատեն կարգեր մը, որոց մեջ չեն ապրեր ու որոց համը չեն տեսեր։

․․․Եթե դրացիս իր բակին մեջ խոզանոց մը շինելու արտոնություն տար, ես խոզաբուծությամբ պիտի զբաղվեի ու խոզը աշխարհի ամենամաքուր կենդանին հռչակեի։

Պատրաստ եմ ամենաչքնաղ արարածը սատանան հռչակել․․․ եթե խոսք տա՝ ինձ բնավ չերևալ․․․

Հինգշաբթի 11. ― Կոոպերատիվը երեք մեթրո ճերմակեղենի հետ վեց մեթրո կանացի շրջազգեստի համար մետաքսեղեն կուտա պարտադրաբար։ Մետաքսեղեն չուզողը անվարտիք կմնա։ Ի՞նչ պիտի ընե ամուրի մը այդ մետաքսեղենը։ Կամ մեկ կին ունեցող ամուսնացած մը որո՞ւ հագցնե այդքան մետաքսեղենը։ Ինչո՞ւ մենակ սպիտակեղեն չի վաճառվեր։

Խելքիդ պուտուկը սիրեմ, կառավարությո՛ւն, որ ժողովուրդիդ անգամ չես կրնար հագցնել ու հավասարության մասին կխորհես։

Նախ վարտիք՝ ապա սոցիալիզմ։

Ուրբաթ 12. ― Խորհրդային պատվիրակությունը Զվիցերիա կերթա զինաթափության կոնֆերանսին մասնակցելու։

Կառավարությունը Ժնևի գազանանոցին ութը վանդակ պարպեց ժամանող պատվիրակներու համար։

⁕ Այսօր մեռեր էր նախագահիս կինը։ Կերթամ ցավակցության և ճամբին կտնտղեմ մխիթարության զինապահեստս։ Ոչինչ կա այնտեղ, բացի «մենք բոլորս ալ մահկանացու ենք»֊են։ Ներս մտա ու նստեցի նախագահիս դիմացը։ Անիկա, բերնին «շնորհակալությունը» պատրաստ պահած, ինձմե մխիթարություն կսպասեր։ Ըսի, ան ալ իրն ըսալով, ու լռեցինք երկար։

Նախագահս թեև այլևս չէր ուզեր ապրիլ ու վճռեր էր որքան կարելի է շուտ հետևել իր սիրեցյալ կնոջը, բայց բավականին տխրեց, երբ հայտնեցի, թե իր վերարկուն բուրդ չէ և երկար չի դիմանա։

Շաբաթ 13. ― Լեհաստանը այնքան նեղ շերտով է ընկեր Ռուսաստանի և Լիտվանյո միջև, որ երբ ձեռքի ձողով կուզե խրատել վերջինիս, ձողին հակառակ ծայրը Ռուսիո գլխին կդպնա, ու անիկա ավելի բարձր կպոռա, քան փոքրիկ ծեծվողը։

Համաշխարհային քաղաքականությունը հիմա անանկ մըն է դասավորված, որ երկրագնդի որ մասին մեջն ալ, եթե պետություն մը որևէ պետության հարվածե, Ռուսաստանը իր տեղեն կպոռա։

Կատարյալ պատերազմամետը․․․

Կիրակի 14 ― Մեր նոր վարիչը գրասենյակը մտավ ու դրեց ծառայողներուն այնպես, ինչպես նորընտիր ախոռապետ մը իր ստանձնած ձիերուն։

Մենք մարդ ենք ու ձի չենք։

Բայց եթե իրոք ձի ըլլայինք, ու վարիչը փորձեր հեծնել մեզ, ոչ մեկը մեզմե պիտի դիմանար իր սոցիալիստական ծանրությանը։

Հեծնելու սահմանված ձիերուն այլ կերպ կկերակրեն սովորաբար։

Երկուշաբթի 15. ― Ո՜վ Հայաստան։ Երկիր մը, որ բնավ չկոչվեցար զուտ քո անունով։ Տաճկահայաստան, Պարսկահայաստան, Ռուսահայաստան ու այսօր ալ՝ Խորհրդային Հայաստան։

Իսկ ե՞րբ պիտի կոչվես վերջապես առանց մակդիր Հայաստան։

⁕ Երևանի գավֆին բաժինը մտա, վարիչը տարակուսած ու բարկացած նստեր էր։ Հանրի Բարբյուսին ընթրիք է տրված, իսկ ծախսված գումարը չի գիտեր՝ ո՞ր պարագրաֆով անցունե։

Խե՜ղճ երկիր։ Մեկ փոր հացն անգամ վրադ կերևա․․․

Բայց եթե Բարբյուսն գիտնար, թե Հայաստան գալով պետական հաշիվները խառներ պիտի, անկարելի էր, որ գար կամ հացը հետն առած կմտներ մեր երկիր։

Երեքշաբթի 16. ― ․․․ Եթե դրությունը քիչ մըն ալ ասանկ շարունակվի, բոլոր բնակչությունը հաշվապահ պիտի դառնա, ու բանաստեղծությունն ալ, արձակն ալ թվանշանով պիտի գրվե։

Այս միտքը կանցնե գլխովս ամեն անգամ, երբ պետական որևէ հիմնարկ կմտնեմ։

Այն գործը, որ բնականոն երկրի մը մեջ փերեզակները կընեն, հիմա կառավարությունն է ստանձներ։ Երկու մսխալ ծամոն կամ փողկապի մը կոճակ գնելու համար պետական որևէ խանութ պիտի դիմես։ Ու այդ կոճակն ու ծամոնը եթե երեք կոպեկ անգամ արժենա, տարի մը ամբողջ շրջան պիտի ընե ամեն մեծության մատյաններու մեջ՝ անցնելով այնքան զույգ աչքերե, ինչքան պաշտոնյա կա պետության մեջ։ Ատաղձագործները «չոթք» միայն կշինեն ու վարժապետները հաշվապահություն միայն կավանդեն։

Ու եթե իր աղքատությունը հաշվելու համար այսքան աշխատակիցներու պետք է ունեցեր սա Խորհրդային Միությունը, ինչ պիտի ըլլար իր դրությունը, եթե քիչ մը հարուստ ըլլար։

⁕ Այսօր կնկաս հետ կես ժամ վիճեր եմ։ Ան կըսեր տղայի մահճակալը 120 սանթիմ շինելու է, ես՝ 110։ Բայց լավն այն է, որ ընտանիքե փոքր ենք, չէ նե քանի մը կողմնակից կինս պիտի գտներ, քանի մը՝ ես, և ընդամենը տասը սանթիմի տարածության վրա երկու կուսակցություն կազմվեր։

․․․Հետաքրքիր է, լենինիզմի և տրոցկիզմի հեռավորությունը քանի՞ սանթիմ է։

Չորեքշաբթի 17. ― Կանաչ մարգագետնի մը վրա ինկած սալաքար մը տեսած ունի՞ք։ Նկատե՞ր եք՝ ինչպես քարի ծանրության տակ, աևէ ու լույսե հեռու կանաչությունը գետնին կմամլվե, գունատ ու կոտրված ընձյուղներ կարձակե դեպի արևելք, որ լույսի հանդիպի, ապա կհուսահատի ու կաճի դեպի արևմուտք, ապա՝ հյուսիս, հետո՝ հարավ, ստանալով ծուռումուռ տխեղծ կերպարանք մը։

․․․Այդ մենք ենք՝ 150 միլիոն ժողովուրդս, բոլշևիկյան ռեժիմին տակ։

⁕Սենյակիս մեջ նստած լսեցի՝ կիսն ջրկիրին երկու ոտք ջուր պատվիրեց։

Ըսել է՝ ոսպնապուր պիտի ուտենք այսօր․․․

Հինգշաբթի 18. ― Պետական շենքեր կառուցող ճարտարապետները մեծ սխալ մը կգործեն, երբ նախահաշվին մեջ այսքան տակառ ցեմենտ, այսքան գերան, այսքան կղմինդր կգրեն, մոռանալով պահանջել նաև հատ մը Վահան Թոթովենց։

Ենթադրենք ճարտարապետը քսան հատ խոշոր տուն է շիներ կամ մեծ ջրանցք մը, ի՞նչ արժեն այդ բոլորը, երբ Թոթովենց մը չունին, որ այդ մասին գրե «Խորհրդային Հայաստանին» մեջ։ Կառավարությունը խոմ տուն չի՞ շիներ բնակվելու համար, անիկա ինչ որ շինե, թերթին մեջ գրելու համար է։

Մեզի փափուկ քարե ու ամուր փայտե ավելի պետք են թոթովենցնե՜ր։ Զարկ պետք է տալ թոթովենցներու արտադրությանը, որք եթե կատարելագործվեն, օր մը կրնան այնքան ավտոմատիք դառնալ, որ արդեն չկառուցված ու չկառուցվելիք շինությանց համար ալ ներբող ու դրվատիք գրեն։ Շինարարության ձև մը, որ ամենեն դյուրին և ամենեն աժանը պիտի ըլլա։

⁕Կըսեն ամերիկացի գիտնական մը ուսումնասիրելով կենդանիներու կյանքը, գտեր է, որ կապիկներու ցեղ մը կխոսե։

― Այդ ցեղը կոմունիստ ըլլալու է, ― բացականչեցի ես առանց երկար մտածելու, ― վասնզի աշխարհիս մեջ այն բոլոր ցեղերը, որք չպիտի խոսեին, բայց կխոսեն՝ բոլշևիկ են։

⁕ Կեսօրին ծույլ֊ծույլ տուն եկա, նստեցի ճաշի։ Վաղուց էի կշտացեր, վեր պիտի ելնեի սեղանեն, եթե ճաշեն վերջ ընելիք մը ունենայի․․․

― Լեցո՛ւր կին, պնակ մըն ալ լեցուր այդ ապուրեն ու ջրկիրը ջուրի ղրկե։

Ուտենք ոչ թե ապրելու, այլ ուտենք չապրելու համար․․․

Ուրբաթ 19. ― Պաշտոնատունին մեջ աշխատածս ժամանակ, մեկը սեղանիս մոտեցավ ու կըսե․

― Աղվոր խոշորացույց մը ունիմ և կառավարությանը կուզեմ ծախել, ո՞ւր դիմեմ։

― Ո՞ւր դիմես․․․ շինարարության բաժինը գնա, ― պատասխանեցի։ ― Իրենց փոքրիկ գործերը մեծցունելու համար հոգի կուտան և շատ բարձր գնով կառնեն խոշորացույցդ։ Իսկ չունի՞ս խոշոր բաներ սաստիկ մանրացնող գործիք մը։

― Ոչ, ― պատասխանեց անծանոթը։

― Նման գործիք մը մեր կառավարության պակասություններու համար շատ կարևոր պիտի ըլլար ու թանկ ալ պիտի գնահատվեր, ատ ալ ըսեմ, ― ավելցուցի։

⁕ Դուրսը սաստիկ ձյուն կտեղա։

Շաբաթ 20. ― Ժնևի խաղաղասիրական կոնֆերանսին Ռուսաստանի ներկայացուցիչ Լիտվինովը արտասանեց իր ճառը, որ Մոսկվայեն Զվիցերիա ճամբին սերտած կերևա։

Ֆրանսիո ներկայացուցիչ Պոլ֊Բոնկուրը չփրթկալու համար լեզուն այնպես է կծեր, կըսեն, որ հիմա «ուրիշ լեզվով» կխոսե։ Անգլիո պատվիրակը դանակով վեց տեղ վերք է հասուցեր իրեն․․․ որ չխնդա։

Ա՜յ քեզի խելոք միտք․․․

Եթե տարին անգամ մը բոլշևիկ Ռուսաստանը ասանկ ճառախոսներ ղրկե Եվրոպա, քանի մը տարիեն Եվրոպա արյունաքամ պիտի ընե։

⁕ Ձյունը կարկուտի կվերածվե։

Կիրակի 21. ― Որովհետև բոլոր աչքի զարնող ու անուն ունեցող բոլշևիկները լքեր են կուսակցությունը, այդ պատճառով կուսակցականները բոլոր շունչով մեկ կփչեն Ստալինին՝ զայն կուսակցապետ դարձնելու համար։

Խեղճ մարդը չի կրնար փռնքտալ՝ մեկ ալ տեսար հազարավոր ամբոխ «ուռա՜» պոռաց ու անդին մյուզիքը «ինտերնացիոնալ» երգեց։

Թեև Ստալինը համեստ մարդ է ու նման բաներե խուսափելու համար միշտ բերանը գոց կպահե, սակայն, չէ՞ որ մարդս միայն բերնեն չէ, որ ձայն կհանե․․․

⁕ Այսօր տղուս համար մահճակալ մը բերի տուն՝ մայրը կպոռա, թե մեծ է, չեմ ընդուներ։

― Ամեն բանի համար մի՛ պոռար, կի՛ն, ― ըսի ինքս ինձմե ելած։ ― Տղան փոքր է մահճակալին համեմատությամբ՝ քանի մը անգամ «ուռա՜» կպոռանք ու «ինտերնացիոնալ» կնվագենք, կլմննա կերթա։

Օ՜ֆ, այս կիներ․․․

Երկուշաբթի 22. ― Հայաստանի միակ օրաթերթին մեջ տպված է պետության տարեկան շինարարության մասին։ Հոն կիսատ մնացած շինարարություններու մեղքը ոչ թե պետության վրա է ձգված, որ չի կրցած որոշված ժամանակին ավարտել, այլ դուրս է բերված, որ ձմեռը քիչ մը աճապարեր է այս տարի․․․

Է՜ ձմեռ, դուն ալ։ Ինչո՞ւ կխանգարես մեր շինարարությանը։ Ամիս մը ուշ գալով, ի՞նչ է, կվնասեիր։

⁕ Երեխայիս մահճակալ եմ առեր՝ տասը սանթիմ ավելի երկար, քան կցանկանար կինս։ Ամեն առտու սենյակն ավլելիս պիտի կրկնե․

― Ես քեզի չըսի՝ 110 սանթիմ պատվիրե․․․

Հավատացած եմ, որ եթե հինգ տարի ալ անցնի, երեխան այնքան երկարի, որ մահճակալը 50 սանթիմով կարճ գա իրեն, կինս ամեն սենյակը ավլելիս պիտի շարունակե ըսել․

― Քեզի չըսի՝ 110 սանթիմ պատվիրե։

Այսպես են բոլոր իրենց սկզբանց վրա հաստատ կեցողները։

Ապրի՛ իմ կնիկը։

Երեքշաբթի 23․ ― Կոմկուսակցությունը զոռ է տվեր իր «առաջ քաշման» սիստեմին։

Գիտե՞ք ինչ կնշանակե այդ։

Ըսեմ։ Ենթադրե դռնապան մը, որ մեկ գիշերվա մեջ գանձապահության կկանչվե։ Կամ իր անվան մեջ երկու տառասխալ գործող մը՝ դպրոցական տեսուչ կկարգվե, կամ համետագործ մը «Կանացի շոր» արհեստանոցը կառավարելու կերթա։

Այս «առաջ քաշման» սիստեմը մարդոցմե ավելի կենդանիներուն է հարկավոր։

Կարելի է մեկ գիշերվա մեջ գավառիս բոլոր էշերը ձի դարձնել․․․

⁕ Համար 2 կոոպերատիվին մեջ թոփ մը սպիտակեղեն է դրված ու վրան գրված՝ «Բայց կթողնվի միայն պրոֆմիության անդամներուն»։

Ասով ուրեմն պրոֆմիության տոմսն ավելորդ կդառնա։ Նայելու է, ով վարտիք ունի հագին, ան անդամ է։

Չորեքշաբթի 24. ― Համամիութենական կենտգործկոմի նախագահությունը ողջ Ռուսաստանի համար աչքացավի պարտադիր բժշկություն կսահմանե։

․․․Հոգու ու մտքի աչքերը պարտադիր կարգով կկուրացնեն, մարմնունը՝ կբանան։

Կհարցնեմ․

― Այդ աչքերով ի՞նչ տեսնելու համար։

⁕ Եթե օր մըն ալ համար 2 կոոպերատիվը «արդյունաբերության բարձրացման» հետևանոք ստիպվի միայն կոմունիստներուն բաց թողնել սպիտակեղենը, մենք ի՞նչ պիտի հագնենք։

Եթե անոնց հիները հագնելու ըլլանք, արդյոք «թեկնածու» չե՞նք համարվելու։

․․․Տկլոր կպտտիմ, բայց «թեկնածության» մեջ թույլ չեմ տա կասկածվել։

Հինգշաբթի 25․ ― Ռակովսկիի օպոզիցիա դառնալու պատճառով Կիևի քաղաքային խորհուրդը որոշեր է Ռակովսկիի ռայոնը Հոկտեմբերյան ռայոն կոչելու։

Ռակովսկին երիտասարդ մարդ է և մինչև իր մահը կրնա ութն անգամ իր քաղաքական հայացքները փոխել։ Այդ ռայո՞նն ալ ուրեմն իր անունը ութն անգամ պիտի փոխե։

Խե՜ղճ ռայոն։

Ուրբաթ 26. ― Երեկ քրոջս փեսայի տուն այցի գացի։ Փեսան անասնավաճառ է։ Նիհար անասուններ կառնե, կգիրցնե ու մսագործներուն կծախե։ Վերջերս ութը ղոչ է գներ ու կգանգատեր, թե ինչքան կաշխատե՝ չեն գիրնար։

― Կոմունիստ գրե, ― ըսի ես, ― որպես վերջին միջոց, եթե չպարարտացան՝ հույսդ իսպառ կտրե։

⁕ Լիտվինովը, զինաթափման կոնֆերանսեն Մոսկվա վերադառնալով, զեկուցում կուտա, ըստ որու՝ միակ անկեղծ զինաթափվողը Խորհրդային Ռուսաստանն է հանդիսացեր։

Ի՜նչ խոսք։

Եթե ճիպոտով ու քանոնով զինված վարժապետ մը իր ստահակ աշակերտներու հետ զինաթափման կոնֆերանս մը գումարե՝ ի՞նչ կկարծեք, կրնա՞ պատահել, որ աշակերտները չկամենան հանուն այլևայլ գաղափարներու կատարյալ զինաթափություն․․․

Կամ մուկը պիտի հակառակվի՞, եթե կատուն իր ակռաները քաշել տա։

․․․Մեծ և մինչև իսկ զառամյա՜լ երեխաներ։

Շաբաթ 27. ― Անառակ ընկեր մը ունիմ, որ շարունակ արգելյալ պտուղ է վայելեր։ Խոսակցության մեջ կըսե․

― Ա՜խ, չես գիտեր՝ ինչքան պիտի սիրեի կնկանս, եթե իմս չըլլար․․․

⁕ Ավետիք Իսահակյանը, որ կարոտակեզ Խորհրդային Հայաստան եկավ, կպատրաստվե փախչել իր սիրասուն երկրեն․․․

Այդպես է, առանց հարսնացուին երեսը տեսնելու ամուսնանալ՝ միշտ նման հետևանքներ կունենա։

Կիրակի 28. ― Վեց տարվա աշխատանքով և տասնվեց միլիոն ռուբլի ծախսով Թիֆլիսին մեջ «Զագէս» էլեկտրակայան շինվեցավ։ Բացման օրը ողջ Ռուսաստանն ու Կովկասը իրար անցան։ Բայց, ո՜վ խայտառակություն, տասնյակ հազարավոր ձիու ուժ ունեցող այդ կայանը․․․ գործ չունի կատարելու։ Վրաստանի հատ ու կենտ գործարանները, չունենալով էլեկտրականությամբ շարժվելու համար սարքավորում, նախկին ձևով կշարժեն իրենց մեքենաները, իսկ հիդրոկայանը շարժելու անիվ կփնտրե՝ չի գտներ․․․

Ահա ձեզի հոյակապ բերան մը, որ ուտելիք չունի։

Պետք կա՞ ավելցնելու, որ բան մը ունենալը չի բավեր, զայն գործածել գիտնալու է։

Լիվինգսթոնը կպատմե գդալին անծանոթ վայրենի ցեղի մը մասին, որք երբ ծանոթացան գդալին, երկար ատեն գործածելը չիմանալով՝ ապուրը գդալով կվերցնեին, կլեցունեին ափին մեջ՝ նոր կուտեին։

Մեր վայրենիները էլեկտրակայան շիներ են ու նավթով գործարան կաշխատցունեն։

Տարբերություն կա՞ մեջերնին։

⁕ Այս գիշեր մանչ մը ունեցա ու անվանը համար վեճի եմ մտեր կնկաս հետ։

Երկուշաբթի 29. ― Փողոցին մեջ բոլոր քալողները բերնին մեծ հայհոյանք մը սղմած կքալեն։ Եթե մոտենաս ու հարցնես մեկին, թե՝ ներեցեք ո՞րն է Ռուբենի փողոցը՝ պիտի տեսնես, որ մարդը մինչև բան մը կուլ չիտա, չի կրնար պատասխանել՝ քովի փողոցով դեպի աջ գացեք, ընկե՛ր։

Եթե անանկ երկրաշարժ մը ըլլա, որ բոլոր բնակիչները մեկեն գետին իյնան բերանքսիվայր՝ «կորչի բոլշևիզմ» պիտի գլորվի բոլորի բերնեն՝ միաժամանակ։

․․․Բառեր մը, որ բնավ չի ըսվեր, բայց սաստիկ լսելու պետք ունի ամեն մեկը։

Տաճկաստանին մեջ, Համիդի օրոք, երբ հայ մը հրացան առնելու ըլլար, փորձելու համար ջրհորի մեջ կպարպեր, որ լսելի չըլլար իշխանությանը։

Հոս ջրհորներ չկան։ Ապա թե ոչ, ժողովուրդը գլուխը ներս կոխած պիտի պոռար իր բոլոր ձայնովը՝ «կորչի՜ բոլշևիզմը»։

⁕ Մեր կաթնավաճառ Յուսուֆը որովհետև «ընկեր» կոչել չի ուզեր, «պարոնը» արգելված է, «եղբայր» չի հարմարեր, այդ պատճառով «Արամ ջան» կըսե ինձի։ «Արամ» չըսելու համար։

Երեքշաբթի 30. ― Երեկ երեկոյան մեկ ոտանի չեկիստ մը՝ Դուրգարյան ազգանունով, փողոցին մեջ աղջկա մը պատճառով ինքզինքը սպանեց։ Այսօր մահազդն է տպված, բայց սխալ։ Չէ՞ որ իր մեկ չորրորդ մասը նախանցյալ տարի մեռավ։ Ուրեմն պետք է գրվեր․ «Եղերական մահով մեռավ Դուրգարյանի երեք չորրորդ մասը» և ոչ մեկ ամբողջ։

Եվ Գաբրիել հրեշտակապետն ալ նույն չափով ստացական պահանջելու է։ Չէ՞ ան ալ Աստծո առաջ հաշվետու է։

Իր մահով դժոխքն օժտվեցավ «ակտիվ» սատանայով մը։ Ուներ վեց տարվա դժոխային «ստաժ»։

⁕ Մեր երեխայի անվան շուրջ համաձայնության չեկանք տակավին։ Եթե ասանկ մեր սկզբանց կառչած մնանք, ապահովաբար երեխաս անանուն մնա պիտի։

Չորեքշաբթի 1. ― Գավգործկոմը 32 «պարտադիր որոշում» մեկ անգամեն է փակցուցեր քաղաքի պատերը՝ ի կատարումն քաղաքացոց։ Իզուր այդքան։ Մարդս այս ռեժիմին ընդամեն վեց գործողություն հազիվ կկատարե, ու 32 հանցանք կատարելու տեղ չկա։

32 «որոշում» մեկ անգամեն անօգուտ ըլլալե զատ, շփոթություն կառաջացնե քաղաքացոց գործողության մեջ։ Ավելի տրամաբանական պիտի ըլլար, եթե Գավգործկոմը հրատարակեր ոչ թե այն բոլորը, որ արգելված է ընել, այլ ավելի հակիրճ ըլլալու համար՝ անոնք միայն, որք քաղաքացիք իրավունք ունին կատարելու։

Աստված, օրինակ, Ադամին չըսավ դամոնի, տանձի, սալորի, ծիրանի ծառեն կեր, միայն սա խնձորեն մի ուտեր, այլ՝ այս խնձորեն զատ մնացյալ բոլոր ծառերեն կեր։

Գավգործկոմն ալ, նմանվելով Աստծո, կրնար պատին փակցունել հրաման մը, ըստ որու ուտելեն ու քնելեն զատ, մնացած բոլոր գործողությունները հանցանք համարվեր ու ենթակա 100 ռուբլի տուգանքի կամ երեք ամիս պարտադիր աշխատանքի։

⁕ Սկսվեցավ Համահայաստանյան կուսակցական համագումարը։ Սկսվեցավ «շինարարությանց» ու «վերելքի» շարանը։ Նորեն աղվեսն իր պոչի հետ սկսեց խաղալ։

Հինգշաբթի 2. ― Կոմունիստ երիտասարդության մեջ ինքնասպանության դեպքերը կբազմանան։ Թերթը, այդ բանի առաջն առնելու համար, կառաջարկե շուքով չթաղել այդպիսիններուն, որ խրատվեն։

Պատվական միջոց է։

Ու եթե վաղը Ժողկոմխորհը հրամայե բոլորովին չթաղել մեռելներն ու մինչև իսկ անպատվել դիակները՝ Հայաստանին մեջ, հավանաբար, մահվան սովորությունը իսպառ վերանա․․․

⁕ Այսօր պետքարանին մեջ ընկած պատի օրացույցի թերթիկի մը վրա կարդացի․ «Կան մարդիկ, որոց մահը ավելի նշանակալից է, քան կյանքը»։

Չիմացա, որ թվի օրացույց էր այդ․․․

Մեր ժամանակները կյանքի ու մահվան սահմանները այնքան են ջնջվեր, որ մինչև աձանձին ճիգ չգործադրես, չես իմանա, որ կենդանի ես։

Մեր ո՛չ կյանքն է նշանակալից, ո՛չ մահը։ Կամ իրավունք ունի՞նք մեռնելու, երբ բնավ չենք ապրած․․․

Շաբաթ 4.― Իմ պակասություններու համար բնավ չեմ կարմրեր, թող կարմրի ան, ով ստեղծեց ինձի, իմ առավելությունների վրա բնավ չեմ պարծենար, թող պարծենա ան, որի ձեռագործն եմ ես։

Կուժը մի՞թե պատասխանատու է իր ծուռ բերանին համար։

․․․ Կուզեի անլուր արատ մը ունենալ, որ դատապարտվեր իմ հեղինակը․․․

⁕ Օ՜ֆ, այս վարի անցքեն ինչ ցուրտ կփչե, ըսես սառնարան ըլլա։

1928 թվական

Երեքշաբթի 4. ― Դռնապաները Աբովյան փողոցի մայթերը մաքրեցին սառույցեն, բացի Կեդրոնական կոմիտեի շենքեն, որը կոմկուսակցության տունն է։ Այս տան առջևեն անցնող մը կարի զգույշ փոխելու է ոտքը՝ կուսակցության շարքերը չսահելու համար։

․․․ Հետաքրքիր է՝ ամառները ի՞նչ միջոցի կդիմե կուսակցությունը՝ իր մեջ նոր անդամներ սայթաքեցնելու համար։

Եթե բոլոր կուսակցությանց ծրագրերը հավասարապես ճիշտ ըլլային, հետաքրքիր է ճշմարտությունը քանի՞ մասի հարկադրված պիտի ըլլար բաժանվելու։

Չորեքշաբթի 5. ― Մեր գրասենյակեն մեջ կծառայե գեղեցիկ Հեղինեն, որուն տեսնելուն պես սիրեցի։ Բայց սերս խորամանկ քարտուղարին աչքեն ծածկելու համար այնքան սիրալիր եղա դեպի տիկին Թամարը, որ հիմա Հեղինեն թողած՝ Թամարը կսիրեմ։

Խայտառակություն։

Այս սխալն ուղղելու համար պիտի ատեմ երկուսին ալ, նոր վերջեն Հեղինեին առանձին սիրեմ։

Ըսել կուզեմ՝ վերանայեմ պիտի սերս։

Այսօր պաշտոնատուն մը, երբ կուզե պաշտոնեն արձակել անկուսակցական մը, ուղղակի չի ըսեր գնա՝ այլ «վերանայման» կենթարկե անոր պաշտոնը ու «ազատելով»՝ կոմունիստ մը կդնե տեղը։

⁕ Լուսբաժնին մեջ խոշոր վեճ կար այսօր։

Ինչո՞ւ։ Վասնզի դամարլեցի Եղիազարին տարվա կեսին արձակեր էին դպրոցեն։ Ինչո՞ւ։ Վասնզի Եղիազարին հայրը «ձայնազուրկ» է այլևս՝ իր հարստությանը պատճառով։

Իսկ Եղիազարին հոր հարստանալը պատահական էր․ սխալվելով քիչ մը լավ մշակեց այգին ու լավ բերք ստանալով, իր կամքեն անկախ հարստացավ։

․․․ Զգո՜ւյշ, զգո՜ւյշ, չհարստանաք ի սեր աստծո, ձեզի լավ պահեցեք։

⁕ Յոթը խորհրդային տարվա մեջ, այսօր առաջին անգամ հավասարության ակտի մը ականատես եղա։ Բժիշկն ինձի ալ, կոմունիստի մըն ալ հավասարապես վեց պիլյուլ խինին տվավ։

Ուրբաթ 7. ― Քաղաքային վարչությունը փակեց քաղաքիս միակ պետքարանը։ Ճիշտ գործ։ Ի՞նչ պետք է ժողովրդյան պետքարան։

Պետքարանը պետք է անոնց միայն, որք կուտեն․․․

⁕ Տուն գալով ծունկերուս վրա նստեցուցի երկու երեխաներուս, նայեցա իրենց քաղցր երեսներուն ու բացականչեցի․

― Աշխարհիս ամենաերջանիկ մարդը։

― Կամաց պոռա, ― ըսավ կինս պատուհանը վրա բերելով։ ― Հարկահանը լսելով՝ պիտի գա «երջանկությանդ» վրա «նալոգ» դնելու։

Իրավունք ունի։ Ասկե վերջ գաղտնի «երջանիկ» պիտի ըլլամ։

Շաբաթ 8. ― Մինչև այժմ զիրար բզկտող պրոլետ գրողները, մեկդի նետելով զենքերը, իրարու կթափփվեն՝ «միացյալ ֆրոնտով» ստեղծագործելու համար։ Ալազանը Չարենցին կփաթթվե, Չարենցը՝ Վշտունիին, Վշտունին մարդ մը կփտրե, որ ինքը փաթթվի, ու այսպես սեր և անհիշաչարություն։

Պատրաստվեք տեսնել «միացման» արդյունքները։

Հաստատ գիտեմ, որ մեկ կաթիլ անձրևը պարզ ու անհամ ջուր է, իսկ թե այդ կաթիլներեն երկուսի միացումը օշարակի կփոխե անձրևը՝ չեմ գիտեր։

Կիրակի 9. ― Ռուս հայտնի բոլշևիկներեն Զինովևն ու Կամենևը, որք երկու տարի առաջ կուսակցության պաշտոններու համար իրենց զենքերը ուղղեր էին հերձվածող Տրոցկու դեմ, և որք, այս տարի միանալով Տրոցկու հերձվածին զենքերնին կառավարության դեմն էին ուղղեր, այսօր նորեն կառավարության կողմն անցան ու կմերժեն Տրոցկին։

Եթե սկզբունքները մարդ ըլլային ու ոտքով այսքան գնային ու գային՝ շաբաթը մեկ զույգ կոշիկ մաշեին պիտի։

Երկուշաբթի 10. ― Եղիա Չուբար։ Կոմունիստ շեյխ մը՝ մեկ լդրանոց փաթթոցով։ Սալավաթ։

Այսօրվա առաջնորդ հոդվածին մեջ անկուսակցական ինտելեգենցիային մանկապարտեզի մանուկներու տեղ կդնե՝ իր մանուկ խելքով։ Որպեսզի արտասահմանյան հակախորհրդային կառավարությունները առիթ չունենան շահագործելու մեր ինտելեգենցիայի ազգայնական մտայնությունը՝ կառաջարկե թողնել այդ գիծը ու միջազգայնական սկզբունքը դավանել՝ այդ բանին կոմունիստական կուսակցության օգնությունը խոստանալով։

․․․ Ճիշտ այնպես, ինչպես ագռավը խրատ տա սոխակին՝ իր ձայնը փոխելու։

⁕ Աշոտիկս քաղաքային բուժարանի ձրի բժիշկին տարի՝ ըսավ բան մը չէ, կանցնի, այլևս մի բերե։ Մասնավոր բժշկի տարի՝ ըսավ շատ վտանգավոր հիվանդություն է ու ամեն օր պիտի բերես։

Ավելի աղեկ է մարդս աղքատ ըլլա ու հիվանդութեն չունենա, քան հարուստ ըլլա ու ծանր հիվանդությամբ բռնված։

Չորեքշաբթի 11. ― Հայկոպը Պարսկաստան է արտահաներ ութ հազար ռուբլու կոնյակ ու գինի, 1200 ռուբլու պանիր և680 ռուբլի 68 կոպեկի մրգեղեն։

Այս նույնն է, ինչ որ ես վարտիքիս մեկ մասը կտրեմ և ծախեմ՝ հանուն վաճառականության։

Ըսենք նորեն կհարմարի ինձի այդ, և առանձին վնաս մը չի պատահեր, եթե երկուական սանթիմ վարտիքիս երկու վերջավորությունեն կտրեմ (քիչ մը երկար են), բայց Հայաստանն ինչպե՞ս կրնա պանիր արտահանել, երբ գրամ մը պանիրի համար մարդ կսպանեն կոոպերատիվներու դռներուն վրա․․․

Ահա քեզի տնտեսական․․․ զվարճալիք։

⁕84 ամյա մայրս, որ խոսակցության մեջ ցույց կուտա, թե ալ ձանձրացեր է կյանքե ու մեռնել կուզե, այսօր երեկոյան աղոթքին երկար կյանք կխնդրեր Աստծումե․․․

Հինգշաբթի 12. ― Սատանան տանի ինձի, պլանաչափ գործ բռնել չեմ գիտեր։

Անցյալ ամառ Գոհարիկ անունով վարժուհի մը շարունակ կբարևեր ու ծանոթություն կփնտրեր՝ մերժեցի, վասնզի գյուղեն նոր վերադարձած ըլլալով սև էր քիչ մը․․․

Այսօր հակառակի պես այնքան է ճերմակեր ու գերցեր, որ ես է ծանոթություն պիտի փնտրեմ, եթե մերժումե չվախնամ։

․․․ Հիմա՛ր, ըսե, սևության համար մարդ աղջի՞կ կատե, ի՞նչ կա աշխարհիս երեսին ավելի հեշտ, քան սև աղջիկը ճերմակ դարձունելը․․․

⁕ Այսօր քաղաքային վարչությունը պատերուն էր փակցուցեր 32 պարտադիր որոշում՝ որոնցով կարգելվեն շարք մը գործողություններ։ Եթե այս պարտադիր որոշումները շարունակվեն այս եռանդով, հանցանք չգործելու համար ամենաապահովը պառկել և բնավ տեղեն չշարժվելն է․․․ Եթե իհարկե ատ ալ արգելված չէ։

Ուրբաթ 13. ― Եկեղեցու պատմության ապագա գրողը պիտի այսպես խոսի․ Քրիստոսին հետևողները ունեն աստիճաններ՝ «ուրարակիր», «սարկավագ», «վարդապետ», «եպիսկոպոս», «արքեպիսկոպոս», իսկ Լենին հետևողները՝ «կարմիր հոկտեմբերիկ», «պատկոմ», «կոմսոմոլ», «իսկական կուսակցական» և «հին գվարդիական»։

⁕ Բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, որ տարի մը առաջ «երկու աչքով» ծիծաղելով Խորհրդային Հայաստան մտավ, այսօր արդեն «մեկ աչքով» սկսեր է լալ․․․

Այսքան շո՞ւտ։ Մեզի պես եթե յոթը տարի սա կարգերու մեջ ապրեր, քանի՞ աչքով պիտի լար արդյոք։ Կամ մենք քա՞ր ենք, որ այսքան արտասուքը միայն երկու աչքերեն կհոսեցունենք․․․

Շաբաթ 14. ― Մեր երկիրը ակնոցավաճառի խանութ մըն է, որն ունի ամեն գույնի ակնոցներ, բացի ճերմակ ակնոցեն, այսինքն՝ թափանցիկ, որ իրերը ցույց տա իրենց իսկական գույնով։

Քաղլուսավար, սոցլուսավար, արևլուսավար և այլն։ Այսպես անվերջ վար֊եր, բայց ոչ երբեք միայն լուսավար։

Դպրոցական հասակի 10-12 տարեկան տղաները փողոցին մեջ կոչնչանան իրենց 60 տարեկան հայրերը քաղլուսվարի դպրոցներում մեջ գրագիտություն կտրվին․․․ որ մեռնին։

Պետք է։ Պետք է այս երկրին մեջ տգետ ապրիլ ու գիտուն մեռնիլ, որ ամեն բան թարս ըլլա։

Պետք է բանաստեղծները համբալություն ընեն, համբալները՝ բանաստեղծություն, որ պրոլետ գրականություն ըլլա։

Պետք է գիտնականը դռնապան ըլլա ու դռնապանը համալսարանի տեսուչ, որ հայկական համալսարան ըլլա։

Պետք է մեկը 15 ռուբլի ամսական առնի ու մեկալը՝ 500, որ հավասարությո՜ւն ըլլա․․․ վերջապես։

⁕ «Պանիր յուղ կեդրոնը ո՛չ պանիր ունի, ո՛չ յուղ։ Իսկական Մեծ պաս, որ կտևե ոչ թե 50, այլ կսպառնա տևել տարվա բոլոր օրերը։

«Բուրժուական» երկրներուն մեջ մարդիկ իրենց ունեցածը կծախեն, հոս պետական խանութները․․․ իրենց չունեցածը։

Կիրակի 15. ― Արտաշես Կարինյան։ Հայկենտգործկոմ։ Հանրապետության նախագահ․․․

Իսկական զեփյուռ, որ բոլորի երեսին խոսք ու խոստում կփչե։ Փոխանակ խոսքե գործի անցնելու՝ խոսքե խոսք կանցնե։ Իր կյանքին մեջ տակավին մեկ գործ է կատարած, այդ ծնվելն է, ու մեկն ալ ունի կատարելիք՝ այդ իր մահն է։ Սպեղանի մըն է, որ տակավին ոչ մեկ վերք չի բուժեր իր կյանքին մեջ։ Ոչ մեկ զոհողության առջև չի կենար՝ քեզի օգտուտ մը չի տալու համար։

Եթե մտնիս իր սենյակը թե՝

― Իշտե, ընկե՛ր Կարինյան, ողջ ընտանյոք սոված, անգործ թափվեր ենք տունը ու կմեռնինք, օգնություն մը։

― Չեմ կրնար, չունիմ։

― Ինչո՞ւ կոմունիստներուն կա՝ մեզի ոչ։ Սա ի՞նչ անարդարություն է։

― Ճիշտ է, անարդարություն է։

― Ձեր կառավարությունը իր ժողովրդյան արյունը ծծելով կապրի, ամոթ չէ՞։

― Բոլորովին ճիշտ է, ես համաձայն եմ քեզի հետ։

― Դուք գայլեր եք։

― Ճիշտ ես նկատեր։

― Ձեր կուսակցության ծրագիրը ամենապակասավորն է աշխարհիս բոլոր ծրագիրներուն մեջ։

― Ես ինքս այդ կարծիքին էի դեռ տարի մը առաջ։

― Ափսոս չէ՞ր դաշնակցությունը։

― Որոշ չափով՝ այո։

Իսկ եթե այս բոլորեն վերջ՝ կարծելով, թե իբրև գաղափարակցի պաշտոն մը պիտի ճարե քեզի ու պաշտոն խնդրես, սապես կպատասխանե։

― Դե՛, ընկե՛ր, բոլոր զոհողությունը մեկ մարդե մի՛ պահանջեք։ Ես համաձայնեցի քեզի հետ, որ մենք գայլեր ենք, որ դաշնակցությունը մեզմե լավ էր, որ մեր կարգերը անարդար են, որ մեր ծրագիրը անպիտան է, իսկ դուն այս բոլորի վրա պաշտոն ալ կուզես։ Այսքանը ես ըրի, ատ մեկն ալ թող ուրիշ մը ընե, ի՞նչ կըլլա․․․

Հետո կավելցունե․

― Գնա՛, թե բանի մը պակասություն ունենաս, առանց քաշվելու դիմե, ես միշտ պատրաստ եմ։

Արդարությունը կպահանջե, որ Կարինյանը, իր ձեռները, ոտները ու մյուս բոլոր զգայարանները Աստծո վերադարձնելով, փոխարենը խոշոր լեզու մը խնդրե, որ դիմանա այսքան խոսքին․․․

⁕ Ակռաներես մեկը կշարժի․․․ անգործութենեն։

Երկուշաբթի 16. ― Կոմկուսակցությունը կանգնած ջուր է նեղլիկ ամանի մը մեջ։ Կբորբոսնե, ու ամիսը անգամ մը Կենտկոմը շերեփով կառնի երեսինը անդին կնետե։

Դեռ ամիս մը չկա, ինչ տրոցկիստներուն շերեփով քաշեցին ամանի երեսեն և Սիբիր թափեցին, հիմա «սպեցիֆիկներն» են երեսին կանգնել․․․

Այս ամանին տակը եթե չծակվի, ողջ պարունակությունը, երեսեն բորբոսնելով, պիտի ապականի։

⁕ Իսահակյանը Հայաստանեն կշտացած, արտասահման կուզե վերադառնալ։

«Կնոջ ու որդու սերը» կքաշե եղեր․․․

Կինն ու որդին միտքն են ինկեր, ու շատ կարելի է «երկու» աչքով կուլա արդեն։

Բայց մեր կառավարիչները հազիվ թույլ տան մեկնել իրեն, նախքան Իսահակյանը կմերկանա իր բոլոր մարդկային առաքինություններեն։

Գյոթեն կըսե իր Ֆաուսթին մեջ․

«Հավատա Կատիկ այստեղ վտանգ կա,
Կմտնես աղջիկ՝ չես դուրս գա աղջիկ։

Ըսել կուզե աղջիկ կմտնես՝ կնիկ դուրս կուգաս։ Այո՛, կնիկ ու բան մըն ալ անդին՝ պոռնիկ։

Բայց երկրի տերերը առայժմ մանկավարժական մեթոդով կուզեն մոռցնել տալ իր «կին ու տղան»։ Կարինյանը կառաջարկե ամսով մը իր հետ Պետրոգրադ պտույտի ելլել։

Այսպես կվարվեն բոլոր այն մայրերը, որ կրծքե կտրել կուզեն իրենց մանկիկները։

Ուրբաթ 17. ― Այսօր կլրանա «Խորհրդային Հայաստան» օրաթերթին 2000 օրինակը։

Նորեն աշխարհը իրար է անցեր, նորեն բաժակի մեջ փոթորիկ։

Հետաքրքիր է ինչե՞ն իմացավ ռուսերեն «Տրուդ» լրագիրը, որ հոս «Խորհրդային Հայաստանին» 2000 օրինակը կհրատարկվե։

Հանցա՞նք պիտի գործեմ, եթե կարծեմ, որ այստեղեն իսկ՝ Երևանեն՝ «Խորհրդային Հայաստանն» ինքը գրեր է «Տրուդին» ալ, «Պրավդային» ալ, թե իմ 2000 օրինակը կլրանա՝ ինձի շնորհակալական հեռագրեր ղրկեցեք։

Հանցանքը ասոր մեջ կասկածելն է։

Շաբաթ 18. ― Կարմիր գիծեն ներս կյանքը պաղեր է այնպես, ինչպես ջերմաչափին կարմիր գիծեն դուրսը։ Երբ ապրիլ ուզենամ, սենյակս կմտնիմ, կբանամ անցյալ կյանքս հիշեցնող թուղթերը ու կսկսիմ ապրիլ․․․

Սա յոթը տարի է, ինչ կապրիմ նախկին կյանքովս ու կմեռնիմ նախկին մահովս։

Կյանքը պաղելու է հիմա։

Ու երբ թղթապանակս ծածկած դուրս կելնեմ փողոց, կըսեմ մտքիս մեջ․

«Իմ կյանքը գզրոցիս մեջ թողի, իսկ մահս կտանեմ փողոց․․․ պտույտի»։

⁕ Գարունը կուգա, բայց Խորհրդային Ռուսաստանը մոռցել է հավարը պոռալուն այն պատերազմի, որ յուրաքանչյուր գարնան ծայր կուտա իր․․․ երևակայությանը մեջ։

Երկուշաբթի 20. ― Կուսդպրոցին պատուհանին տակեն անցածս ժամանակ, տեսա մարդկային կմախք մը, որու շուրջ հավաքված սաները մարդակազմություն կսովրեին։

Կանցնեմ ու կմտածեմ։ Ստուգվա՞ծ էր արդյոք։

Գուցե այդ կմախքը իր կենդանի ժամանակը կուլակ կամ հաստափոր վաճառական է եղեր, որը բանվորական ներկա դիկտատուրայի ժամանակ իրավունք չուներ բնավ ոսկորների այն դասավորությունը ունենալ, ինչ որ դիցուք դազգահի բանվոր կամ կամ հին կադրի կուսակցական մը։

Ի՜նչ է, պզտիկ մահ մը կրնա՞ հավասարցունել այն անդնդախոր տարբերությունը, որ կա բանվորի ու բուրժուայի միջև։

― Ո՛չ։

Կրնա՞ կամ կհամարձակի՞ Կաուցկիին փայծաղը ձախ կողմը գտնվել այն պահուն, երբ Լենինի փայծաղը իր ձախ կողմն է։

― Ամենևի՛ն։

Ինչպե՞ս կրնան երկուքն ալ ձայնական նույն օրգաններն ունենալ, երբ կոմկուսակցությունը «կխոսե», իսկ դաշնակցությունը՝ «կոռնա»։

Կուսակցական որպիսի՜ ատելություն, օ՜, աստված իմ․․․

Հավատացած եմ, եթե դաշնակցությունը օր մը հաջողեր «խոսել», կոմկուսակցությունը նմանվելու վախեն ստիպված պիտի «ոռնար» ապաքեն։

⁕ 84֊ամյա մայրս հիվանդ է ու կվախնամ մեռնի։

Գլուխս այնքան խառն է, գործերս այնքա՜ն խճճված։

Դագաղագործի՞ն երթամ, զա՞գս վազեմ մեռնելու թույլտվություն ստանալու, սոցա՞պ հերթի կենամ թաղման ծաղսի համար, հասցեներու սեղա՞ն շտապեմ անունը «դամավոյ կնիժկայեն» դուրս հանելու։

Գործեր, որք շաբաթներու կնային ու չկատարելու պարագային խոշոր տուգանք կսպառնան ինձի։

Իրիկուն, երբ մայրս «կմեռնի՜մ» ըսավ՝

― Մա՛յր, ― բարկացա վրան, ― ինչո՞ւ կշտապես, չկա՞ն քեզմե ավելի ծերեր, որք 100, 120 տարի կապրին։

Բայց կվախնամ։

Երանի անմահ ըլլար մայրս․․․

Երեքշաբթի 21. ― Այսօրվա թերթը կգրե խոշոր դատավարության մը մասին։ Դոնի ածխահանքերու ճարտարապետները պետությանը նյութապես վնասելու համար՝ ածխի ընտիր շերտերը հողով ծածկեր են ու հորեր փորեր այնպիսի տեղանք, որ ածուխ չկա եղեր․․․

Աս մասնագետները, որոնց թիվը տասնյակներու կհասնե, հավանաբար գնդակահարվեն մասնագետ գնդակահարողներե։

⁕ Գարունը կուգա։ Օ՜հ, բնություն, ողջո՜ւյն քեզի։ Եթե քո փոփոխությունները չըլլային՝ վաղո՜ւց կորսունցած պիտի ըլլայի հասկացողությունը բնականի մասին։

Չորեքշաբթի 22. ― Վա՛, վա՛, խորհրդային մասնագետներու դողը բռներ է։ Բոլորը «զայրույթ» կհայտնեն Դոնի ճարտարապետներուն, բոլորը «նողկանք» կթքնեն նույն ճարտարապետներուն։ Մենք անոնցմե չե՜նք՝ կպոռան անոնք, մենք ձեզի հետ ենք՝ կճչան անոնք։

Կհարցնեմ․

― Եթե այսպես «լծված եք» սոցիալիստական շինարարությանը, եթե այդքան կհամակրեք կոմունիստական շինարարությանը, ինչո՞ւ կոմունիստ չեք։

⁕ Աֆղանստանի թագավորը պտույտի է ելեր Եվրոպա։ Բոլոր պետությունները հացկերույթ կուտան իրեն ու բաժակաճառերու մեջ կուխտեն բարեկամ մնալ իրարու։

Զարմանալի բան։ Ինչքա՜ն դժվար է ճաշի վրա թշնամություն ընել մեկի մը։

Եվրոպայի բանվորական պատգամավորները Ռուսաստան եկան, ճաշե մը վերջ հավնեցին սովետական ռեժիմը ու գացին։

Հինգշաբթի 23. ― Ինչպես որ սովի ժամանակ ձիերու զարմերը կվազեն մեծատանց ձիերուն հետևեն՝ անոնց արտադրանքեն ողջ գարու հատիկներ գտնելու համար, անանկ ալ հիմա «անկուսակցական» մասսան կոմունիստներու ետևեն կերթա․․․

Բայց ավա՜ղ։

Անոնք սաստիկ երիտասարդ են, ակռանին բերաննին պատկոմի պես «միշտ պատրաստ» ու հազիվ հույս ըլլա ողջ հատիկներու․․․

⁕ Մորիս Մետերլինկը կըսե․ «Կուգա ժամանակ, երբ մարդիկ կհասկանան զիրար՝ առանց բառերու օգնության»։

Այդ ժամանակը եկեր է արդեն։ Այսօր ծերունի դերձակիս հանդիպելով բան մը չխոսեցանք, բայց զիրար հասկցանք։

․․․Բայց սա թշվառական հարկահավաքը ինչո՞ւ չի ուզեր լռություն հասկնալ ու շարունակ դրամ կուզե բարձրաձայն։

Ուրբաթ 24. ― Երկու դասակարգ։ Քանի մը կուշտեր՝ անթիվ սովյալներ։ Մարմինս կապելով դժնդակ իրականի, հոգովս կթռնիմ։

Մարմինս լքյալ պանդոկ մըն է հիմա, որ բերանը բերած կորոճա իր 18 տարի առաջվա կյանքը։

⁕ Կնոջս թևը, որ երեք ամիս ի վեր կցավեր, սա քանի օրս լավացավ։ Երբ կգա տքալու ժամանակը, չի գիտեր՝ հիմա ի՞նչ տեսակ ձայն հանե ու տեսակ մը ցավի կարիք կզգա։

Շաբաթ 25. ― Հանգուցյալ բանաստեղծ Հովհ․ Թումանյանի մահվան հնգամյակի առթիվ հուշի երեկո կկազմակերպվե։ Այսպես է հոս։ Կենդանի բանաստեղծները անհուշության կմատնեն, իսկ մեռածներին գերեզմաններեն կհանեն հիշելու։

⁕ Եթե կտեսնաս մարդիկ, որք տուն կերթան երկու ագռավի գլխի մեծության բաներ փաթթած թուղթերու մեջ, գիտցիր, որ 200 գրամ կարագ, 200 գրամ պանիր է, որ գտածի նման ուրախ տուն կտանեն։

Այդ մեր կոոպերատիվի մաքսիմումն է։ Լավ չէ՞ր, եթե ամեն ոք ձեռք մը հաց երկարելով ներսը՝ պոռար․

― Ընկե՛ր, քիչ մը կարագ քսե հացիս։

Կիրակի 26. ― Ահա ձեզի Գավգործկոմի «Լենինյան անկյունը», որուն ճակտին գրված է՝ «Գլխարկները հանել»։

Ինչքա՜ն ազատ է այս կրոնը, որ չի հրամայեր կոշիկներն ալ հանել։

Պատին վրա՝ հոն, ուր պիտի կախված ըլլար Աստվածածնին պատկերը, կփայլե (ուզե կամ չուզե) Լենինի մոր սրբափայլ պատկերը։ Պողոս Առաքյալին տեղը Բուխարինն է բռներ, Զեփիթյա որդոց տեղը՝ Ստալինն ու Կալինինը։

«Կարմիր անկյունը» աշնանս առաջին սրբավայրն էր։ Ամբողջ երեք ամիս սա սենյակին այցելուները առնետներն էին ու սարդի ոստայնները։ Ապա, տեղի սղության պատճառով, երկրորդ սենյակը տեղափոխեցին, ապա՝ երրորդը, հետո՝ չորրորդը, ետքեն՝ հաջորդը ու այսպես սկսեցին շրջան ընել մինչև «00» համար սենյակը ու կանգ առին։

Այս համարը մյուս բոլոր հաստացուցյանց մեջ ալ այն սենյակն է, որ ոչ թե երեք ամիս, այլ երեք օր ալ չի կրնար փակվի։

Այս համարը միակն է մեր բոլոր պաշտոնատանց մեջ, ուր իրական գործ կկատարվե․․․

⁕ Տեղական տնտեսության վարիչը հայտնելով, որ կարդացեր է գրվածքներս ու շատ է հավներ, այնուհանդերձ «ընկ․ Կամսարական» կանվանե զիս։

Այդ ինչպե՞ս է կարդացեր, որ անունս չի գիտեր։

Երկուշաբթի 27. ― Մեր մեքենագրուհին օրական մեկ սանթիմ վեր կքաշե իր շրջազգեստը՝ նպատակ ունենալով ցուցնել իր ամբողջ գերությունը։

Բան չեմ ըսեր, տիկի՛ն, կհավատամ, որ շատ միս ունիք․․․ բայց գեղեցիկ չեն ափսոս։ Լենինն անգամ ըսեր է՝ քիչ, բայց լավ։

⁕ Այսօր կրճատեցին ինձի պաշտոնես։

Երեքշաբթի 28. ― Ինչքա՜ն անոթացեր է մեր պետությունը․․․

Պետքարանը առանձնացածս միջոցին պետական երեք հարկահավաքներ խանգարեցին ինձի։ Մեկը դռնապանի վարձը կուզեր, երկրորդը՝ ջրի գինը, իսկ երրորդը՝ պետապին հասանելիք հարկը։

Ատանկ ալ խայտառակությո՞ւն։

Աղեկ որ լուծ չեմ, չէ նե ով գիտե՝ մինչև ավարտելը քանի հարկահավաքներ ընդունելու հարկին տակ գտնվեի պիտի․․․

Չորեքշաբթի 29. ― Փողոցին մեջ տեսա միլիցիա մը, որ ատրճանակը կողքին կապած կերթար։

Ի՜նչ երջանկություն այս երկրին մեջ ինքնասպանության տեխնիքական հարմարություններ ունենալը։

Զանգու մը ունինք այդ նպատակի համար, որը այնքան կձգձգե իրեն մեջ նետվողին խեղդելու գործը, որ ինքնասպանը ձանձրույթեն ու սրտանեղութենեն կուզե ինքզինքը նորեն ափը նետել ու ապրիլ։

Չէ՛, մերին պես հուսահատ երկրե մը ասանկ պզտիկ գետ անցնելու չէր։

⁕ Այսօոր Աշոտիկս իր ընկերոջմեն «սուտ» բառն էր լսեր ու դիմելով ինձի՝ ատոր նշանակությունը կուզեր գիտնալ։

― Դեռ փոքր ես, բալա՛ս, ― պատասխանեցի, իր գանգրահեր գլուխը շոյելով, ― երբ մեծնաս, կարդալ սովրիս, «Խորհրդային Հայաստան» կարդաս՝ այն ատեն միայն կիմանաս, թե ի՞նչ բան է «սուտը»․․․

Հինգշաբթի 30. ― Այս գարնանս քաղաքիս շինարարությունը հանկարծակի կանգ առավ։ Այնքան հանկարծակի, որ կարծես եղածն ալ կուզե քանդվել։ Ըսես սխալ փողոցով դեպի ստույգ վտանգն առաջացող ճամբորդ մը շտապ ետ կդառնա։

Տեղն է պետությանը։ Եթե առաջվնե շինարարությանց չձեռնարկեր, այսօր այսքան կիսատ շենքեր չէր ունենա այս ունայն փողոցեն մեջ տնկված ու յոթը տարվա անգործության ստաժ կունենար ձեռքին։ Ստաժ մը, որ ավելի կարժե ինձ մոտ (երբ հարկավ խոսքը բոլշևիկի մասին է), քան յոթ տարվա «շինարարական» ստաժը։

Վասնզի հասել ենք վերջապես այն օրվան, երբ «շինելը» «քանդել» կնշանակե։

⁕ Դուրս եկա քիչ մը օդ առնելու։

Երեխաները լճակին մեջ լող կսորվեին։ Մեկը անոնցմե օդով լեցված տիկի մը վրա հեծած կլողար, որը սակայն ծանրացած շարունակ կսուզեր՝ հետը տանելով նաև փոքրիկ լողվորը։

― Տղաս, ― ձայնեցի իրեն, ― օդի փոխարեն «կոմունիզմ» լեցուր պարկիդ մեջ ու հեծիր։ Այս նոր գաղափարը օդեն թեթև ըլլալով, բնավ պիտի չսուզես ջրին տակը․․․

Ուրբաթ 1. ― Ինչպես պատերազմի խեղանդամները, այսօր Երևանի տուներու մեծագույն մասը նեցուկներով կապրե։ Ընդամենը 27 նոր տուն է շինված, մինչ անդին 300 տուներ կպատրաստվեն փուլ գալ։ Ճարտարապետները գործերը թողած օր ու գիշեր գերան կնեցուկեն այս հիվանդ տուներուն։

Ո՜վ ճարտարապետներ, թողեք այդ մանր նեցուկները, փնտրեցեք խոշոր նեցուկ մը սա Խորհրդային Ռուսաստանին տակը տալու, որն սկսեր է դեպի կործանումը հակել։

Եթե դուք փրկեք ծառը տապալումեն, փրկած կըլլաք նաև այդ ծառին վրա շինված հարյուրավոր թռչունի բույները․․․

⁕ Խորհրդային միությունը Ֆրանց Իոսիֆ կղզիեն սկսած մինչև Հյուսիսային բևեռը կհայտարարե իր սեփականությունը։

Վա՛յ, վա՛յ։

Այդ գոտիի բոլոր արջերը, ըսել է պիտի թողնեն իրենց բնակավայրը ու հեռանան։

Դարերով ազատ ապրած արջը «բանվորական դիկտատուրայի՞» կդիմանա․․․

Շաբաթ 2. ― Հայտնի իրավաբան ու բոլոր հանցագործներու պաշտպան Գրիգոր Չուբարը այսօր հոդված մըն է գրեր՝ հայհոյանքի տարափի տակ մեղադրելով դաշնակցությանը՝ 17 թվին տուն վերադառձող ռուս զինվորները ճանապարհին Գանձակի թուրքերու հետ կոտորելու մեջ։

Չենք զարմանար այս զրպարտությանը վրա, վասնզի հարգելի փաստաբանը իր կյանքի մեջ ճշմարտության ինչ ըլլալը դեռ չի տեսեր, ու տեսնա ալ, չի ճանչնար այսօր։ Բայց թե 10 տարի անց ինչպե՞ս մեկեն միտքն ընկավ Շամքորի կոտորածը։

Ըսողներ կան, թե իր օրեօր աճող հարստությունը իշխանության աչքեն ծածկելու համար թոզ կփչե։

Եթե այդ է պատճառը, ուրախալի է, վասնզի գեթ հույս կա օրեն մեկ աղքատանալուն հերքե պիտի իր սուտը ու ետ վերցնե մեղադրանքը։

․․․Մարդիկ, որոց համոզումները արդեն ոչ թե գլխուն մեջ կգտնվե, այլ դրամապանակին։

⁕ Մակդենի վարչապետ Չան ցո Լենի վրա ռումբ է նետված։ Անգլիական թերթերը կգրեն թե նետված ռումբը ռուսական է, չինացիները կգտնան, որ ճապոնական է, Ճապոնիան՝ ամերիկյան է կըսե, ու մեծ վեճ կա։

Չան ցո Լենը վիրավոր է ու մինչև այս ռումբին որու ըլլալը չպարզվե, չպիտի մեռնի։

Երեքշաբթի 5. ― Սարսափելի արագ փոփոխություններ կոմունիստ պաշտոնեության մեջ։ Գլխարկնին փոխելով երևի կուզվե ազդել գլխուն վրա։ Գործերնին անհաջող կերթա կոր, ու դեպի սոցիալիզմ չեն երթար սա անմեղ մանկիկները։

Շաբաթ մը առաջ խնդրով մը դիմեցի Գավգործկոմ։ Պաշտոնյան ըսավ՝ խնդրին ծանոթանամ, վաղն եկուր պատասխանի։ Հաջորդ օրը գացի՝ ուրիշ մըն էր նստած տեղը ու ըսավ՝ կհարցնեմ նախորդիս ու կպատասխանեմ։ Երրորդ օրը գացի՝ երրորդ մըն էր նստած ու կսպասեր իր նախորդեն տեղեկանալ ու պատասխանել։

Փոփոխություններ կինեմատոգրաֆի արագությամբ։

Եթե առաջվնե հայտնի ըլլար սա փոփոխվող պաշտոնեից ցանկը, ան ատեն դյուրին էր՝ խնդիրը կուտայի այն ամենավերջին թեկնածուին, որ պիտի նստեր ամիս մը հետո։ Ճիշտ այնպես, ինչպես որսորդ մը օդին մեջ թռչուն խփելու ատեն նշանը միշտ քայլ մը առաջ կբռնե։

⁕ Ժողկոմխորհն, Կենտգործկոմն ու Չեկան միացած հրաման մը կհրապարակեն, որով սրիկայությանը վերջ տալու համար կսպառնան գնդակահարել հանցավորը, ու արդեն իսկ որպես կանխավճար կուտան երկու գնդակահարվածներու անունները ըսելով․

― Ահա այսպես կընենք։

Եթե լոկ «մուստուսայի» համար գնդակահարվեցան այդ մարդիկ՝ ափսոս երկու կյանքեր։ Առանց տեսնելու ալ աղեկ գիտենք, թե ինչ է գնդակահարությունը։

Կամ։

Ինչո՞ւ կառավարությունը արդարության, ճշմարտության, ազատության գաղափարները ժողովրդյան հասկանալի լինելու համար գործնականի չի դիմեր ու միայն մահապատժի համար կուզե օգտվել այդ գերազանցապես մանկավարժական մեթոդեն։

Չորեքշաբթի 6. ― Երբ կուզեմ ապրիլ, կպառկեմ անկողնակալիս, աչքս առաստաղին կճամբորդեմ ուզածս տեղ և ուզածս րոպեին կհասնիմ։ Անթիվ դրամի տեր կըլլամ ու ժամերով կխորհեմ, թե ինչպես ծախսեմ այդ դրամը։ Կհաղթեմ ու կջախջախեմ իրականի մեջ հզոր թշնամուս։ Այս րոպեներուն սիրահարվելիս, աղջիկներն իրենք սովորաբար կուգան ու կաղաչեն իմ բարեկամությունը։ Կողորմեմ աղքատին ու կսկսիմ ամուր բնակարան մը կառուցել ամեն հարմարություններով։ Միայն կվարանեմ ու չեմ գիտեր կարմի՞ր, թե՞ սև քարեն շինեմ։ Մեկ ժամվա մեջ կհասնիմ այն բոլորին, ինչ մարդիկ կհասնեին իրենց ողջ կյանքի ընթացքին։

Ժամ մը վերջ զգաստացած կխորհիմ։ Լավ է, որ ամեն բանի այսպես դյուրին չի հասնվիր, ապա թե ոչ բոլորը մեկանց վայելելով այլևս մնացյալ կյանքի մեջ իմաստ չէր մնար․․․

⁕ Կենտգործկոմ Արտաշես Կարինյանը նոր իմաստով Մոսկվա, հինով՝ Տիզբոն «ի դուռն Շապուհ արքայի» գնաց արդարանալու, թե ինչո՞ւ 27 թվին Բաքուի «Կոմունիստ» թերթին մեջ գրեր է, թե «բոլշևիկների գալով Հայաստանը վերածնվեց» ու չի գրեր «նոր ծնվեց»։ Մի՞թե 21 թվեն առաջ Հայաստանը գոյություն է ունեցեր․․․

Հինգշաբթի 7. ― Նպարավաճառ Սեդրակին խանութը ճամբուս վրա է։ Պզտիկ խորշ մը, որու հետևանքով ամենայն օր ապրանքը դուրսը կշարե, իսկ երեկոները ներս կառնե ու խառնիխուռն դարսելով կգոցե զայն։

Սեդրակը, սակայն, այսօր շվարած դուրս կդներ իր ապրանքը ու չգիտեր, փակե՞լ ընդմիշտ խանութը, թե՞ շարունակել առուտուրը։

Սեդրակին վրա մեծ «նալոգ» էր եկեր ու կվնասեր խանութին։

«Սեդրակի խանութ» մըն եմ ես ինքս։

Ամեն երեկո, երբ անկողին կմտնեմ, տանջող միտքերուս շարանը ներս կառնեմ մեջս ու աչքերս կփակեմ։

Առտուներ աչքս բանալով, երբ «կյանքս» սկսելու համար պետք է նորեն միտքերս « դուրս շարեմ»՝ կմտմտամ ու կտարակուսեմ, թե այսքան վնասով կարելի՞ է «ապրիլ», թե ժամանակը չէ՞ փակել այն ընդմիշտ։

Ամեն 12 ժամ անգամ մը հիշել թշվառությունս՝ շատ ծանր է։

Երանի՝ ցերեկը կա՛մ բնավ չըլլար, կա՛մ գեթ շաբաթը մեկ ըլլար։

Ուրբաթ 8. ― Այս շաբթու նորեն կարևոր պաշտոնեից փոփոխություն։ Սա կես տարի է ամեն շաբթու կփոխվեն մեր վարիչները։

Հայաստանը կաթսա մը ապուր է, մեջը շերեփ, շերեփին պոչն ալ Թիֆլիս կգտնվե Ս․ Կասյանին ձեռքը։ Նստելուն կամ վեր կենալուն Կասյանը եթե հանկարծ այդ պոչին դիպնա, հոս Հայաստանին մեջ հսկայական տակնուվրայության ականատես կըլլանք։

․․․Ու կըսեն, թե Կասյանը սա կուսակցության մեջ ամենեն անխելք ու տխմար մարդն է։

Ըստ իս՝ այդպես ալ պետք է։

Անկարելի է այսքան անմիտ վարել պետական գործերը առանց գլուխը հանճարեղ տխմար մը ունենալու։

⁕ Թերթը կգրե, որ տեղացող անձրևներեն փլեր է գիշերօթիկ դպրոց մը ու տակը առեր 20 աշակերտ։

Շատ աղեկ՝ բայց ինչո՞ւ այս լուրը «կուսշինարարական» բաժնին մեջ չէր գրված։

Կիրակի 10. ― Գիշերը երազիս մեռեր էի ու առանց դագաղի գերեզման դրին զիս ու Երևանի գերեզմանատան գրանիտե քարակոշտերը գլխուս կթափեին․․․

Արթննալուս պես գացի ու դագաղագործին կանխավճար տվի։

Տուն կդառնամ մտածելով։ Եթե աշխարհիս երեսին մեկը կա, որ չի կրնար անկեղծ ըլլալ՝ ատիկա դագաղագործն է։ Եթե հարցնես․

― Վարպետ, կուզե՞ս, որ շատ մարդիկ մեռնին։

― Չէ, ― պիտի պատասխանե անպատճառ, ինչ որ ստել ըսել է։

Հետո մտածեցի։

Ինչո՞ւ դագաղագործությունը, Խորհրդային Միության մեջ սա ամենաձեռնտու գործը, չի պետականացվեր։ Հազըր պլանաչափություն կմտներ մեռնելու գործին մեջ ու մյուս կողմե դագաղը, որպես պետական արհեստանոցի գործ, թանկելով՝ կանգ կառներ մեռնողներու սա հոսքը։

Կկարծեք ապրուստ չունի ժողովուրդը անո՞ր համար այսքան կմեռնե։ Բնավ երբեք։ Մարդիկ դագաղին սաստիկ աժանությանը համար կուզեն օգտվիլ անկե․․․

⁕ Չեկայեն արձակվեցավ ինձի ծանոթ դերձակ մը, որ տարի մը բանտարկված էր բոլորովին անմեղ։ Վախեն, խեղճ մարդը մեկի մը երես չի նայեր, բարեկամի տուն չերթար, ծանոթի չի բարևեր, հավաքույթե կփախչի ու եթե առաջնորդ մը ունենար, սիրով իր աչքը կհաներ՝ կասկածի տեղիք չի տալու համար։

Երկուշաբթի 11 ― Ծո՛, ծո՛, սա ի՞նչ կլսվե։

Որպես թե Լեհաստանը պատերազմ պիտի հայտարարե Խորհրդային Միությանը ու (առանց այլևայլի) ջարդի վերջույս։

Այս լուրն ինձի բերողը այնքան ուրախ էր, որ անզգուշաբար սկսեր էր ժպտալ։

― Ծո՛, տխրե ու մի ցուցաներ սիրտդ, հիմա կրակի մեջ պիտի ձգես մեզի․․․ կամ դեմքդ հյուսիս դարձուր չտեսնեն․․․ չէ, այդ հարևանիս տղան կոմունիստ է, ձախ դարձիր․․․ ո՛չ, կասկածելի է՝ չեկայի կառապանը կատե այն կողմը․․․ դեպի դաշտը նայե․․․ բայց չեկայի ձիերը կարածեն ու տե՛ս, մեկը մինչև անգամ գլուխը վեր առած շիտակ մեզի կնայե։ Եթե քեզի զսպել չես կրնար, գնա՛ ջրհորի բերանը բաց ու գլուխը հոն կախելով խնդա, ― ըսելով ճամբու դրի լրաբերին, ու ինքս՛ սկսեցի լացողի դային․․․ դժողքեն։

Այսպես է մեր երկիրը։

Երբ մեկը կուլա, գիտցիր, որ ուրախ է, երբ կխնդա՝ ատիկա խոշոր տխրություն կնշանակե։

Այսինքն՝ ամեն բան շրջված։

Երեքշաբթի 12․ ― Ամերիկայեն բարեկամս «Խորհրդային Հայաստան» օրաթերթն էր խնդրած ինձմե։ Ուղարկեցի քանի մը համար՝ կցելով սա բացատրական բառարանը։

«Շինարարություն» ― քանդարարություն, քարը քարի վրա չթողնել,

«լուսաշինություն» ― գիտակցությունը մթնեցնել, գիտցածն ալ մոռցնել տալ,

«կորչի՜ անգրագիտություն» ― կեցցե՜ անգրագիտություն,

«Լենին» ― չաստված,

«լենինիզմ» ― չաստվածություն,

«Պատերազմի պարագային մեր ժողովուրդը մեկ մարդու պես կկանգնե» ― Պատերազմի պարագայեն մեր ժողովուրդը մեկ մարդու պես կնստե։

«Համայն աշխատավորությունը կսկիծ զգաց Ձերժինսկիի մահվան առթիվ»։ ― Համայն աշխատավորությունը ուրախութենեն մեռավ Ձերժինսկիի մահվան առթիվ։

«պայքար անգործության դեմ» ― պայքար գործ ունեցողներու դեմ,

«խոսքի ազատություն» ― ազատություն մը տրված միմիայն համրերուն,

«խորհրդային օրենք» ― անխորհուրդ անիրավություն,

«կոմունիզմ» ― վեց մարդ ուտելով պատռի, մնացյալ մարդիկ անոթի մեռնին։

Չորեքշաբթի 13. ― Չնայած անոր, որ ապրանք չի ճարվեր, մյուս կողմե նոր կոոպերատիվ է որ կբացվե։

Այդ իմաստով վարիչները, գեթ իրարու կպած բանային, որ մեթրո մը կտավ ցուցնելու հնար ըլլար։

Ինչո՞ւ միայն այդ։

Շալվարի մեկ ոտքը մեկ խանութ, մեկալը մյուս խանութը կրնային փռել․․․

Հինգշաբթի 14. ― Այսօր նորեն կարծիքներու տարբերություն կուսակցության մեջ, նորեն պաշտոնանկություններ ու նորեն Կենտկոմի կոչ բոլոր «ընկերներուն»։

Ամեն տարի թոշնած ծաղիկի պես կուսակցականներեն մաս մը աջ «կթեքվեն», մյուս մասը՝ ձախ։ Ու ամենայն տարի կուսակցութենեն կկտրվեն ու անդին կնետվեն սա «թեքվածները»։

Լենինը այն չոր վարդն էր, կուսակցության կենտրոնը խրված, որուն կապված դեպի գերագույն անհեթեթություն կընձյուղվեին իր մատղաշ անդամները։ Ստալինը, որ այսօր կփոխարինե իր վարդապետին, երևի չունի Լենինի չորությունը։

Պատմությունը, չեմ գիտեր, գուցե հանճարներ քանի մը հատ կծնե, բայց ինչ կվերաբերե տխմարին՝ մեկը միայն կծնե։ Լենինը, այդ «գիտական» տխմարը, իր դափնին հազիվ թե երբևիցե մեկի մը զիջե։ Վասնզի անհնարինության չափ դժվար է փայտե շինված չըլլալ ու հաջողել այսքան հարատևել տխմարության մեջ․․․

⁕ Հացի փուռերուն առջև նորեն հերթեր․․․

Ողջո՜ւյն քեզ 1919 սով։

Դուն, որ ոչ դաշնակցություն կնայիս, ո՛չ բոլշևիկ։ Ով կանչե քեզի, անսեթևեթ կելնես կուգաս։

Եթե Հայաստանը քեզի պես երկու անկեղծ բարեկամ ունենար, իր վիճակը այսպես պիտի չըլլար այսօր։

Ուրբաթ 15. ― Փարիզի «Հառաջն» ինկավ ձեռքս՝ կարդացի։

Դաշնակցությունը մեծ խրախճանքի մեջ կտոնե մայիսի 28֊ը, այսինքն՝ իրենց երևակայությանը մեջ միայն գոյություն ունեցող միացյալ և անկախ Հայաստանի տարեդարձը։

Հեռանալով Հայաստանեն, այդ կուսակցությունը կատվի նման թաթերով գլորեց իր հետ տարավ փուչ ընկույզի նման այդ գաղափարը ու հետը կխաղա։

Ասիկա նշան է այն բանին, որ մարդ քանի կենդանի է՝ բանի մը հետ պիտի խաղա։

Բայց տարիներ շարունակ միևնույնը խաղալով չի՞ ձանձրանար դաշնակցությունը։

⁕ Կոմունիստի մը հետ վեճ ունեցա սովի մասին։ Նա ի պաշտոնե կպնդեր, որ հանուն համամարդկային գաղափարներու կարեի է նաև մեռնիլ սովեն։ Կորչե մարդը, կեցցե գաղափար՝ կգոչեր անիկա «ծապլվարյան» ոճով։

Լա՜վ է։

1919-ին մեռանք հանուն ազգային՝ 29֊ին ալ մեռնինք հանուն միջազգային գաղափարի։

Ինձի մնա, չարժե մեռնիլ ոչ մեկ գաղափարի համար։ Վասնզի ամենամեծ գաղափարը բուն կյանքն ինքն է։ Ու կյանքեն մեծ գաղափար մը տիեզերքը չի ծնած տակավին։

Շաբաթ 16. ― Մեծ խայտառակություն։

Հայաստանի Կենտգործկոմի կոլեգիայի անդամ և միաժամանակ գավառային գործադիր կոմիտի նախագահ Հանեսօղլյանը, արքունի բանաստեղծ Եղիշե Չարենցը ու ֆինանսական կոմիսարի տեղակալ Կոստանյանը, կեսգիշերին հարբած, զուռնան առաջնին քեֆ են սարքեր փողոցին մեջ, քնած տեղը բռնաբարել ուզելով օրիորդի մը ու վար թափելով ու ոտներու տակ տրորելով խեղճ գյուղացիի մը խաղողի բեռը։

Սրիկայության դեմ օրենքներ ստորագրողը, ինքը՝ սրիկա։

Սա, հետաքրքիր է գիտնալ, «ա՞ջ թեքում է», թե՝ «ձա՞խ»։

Գուցե և թքում է։

Այո՛, թքում բոլոր այն բաներու վրա, ինչ որ սուրբ է։

Կիրակի 17. ― Իմ սիրելի, Աշո՛տ։

Մեռնելես առաջ հետևյալ կտակը պիտի ընեմ քեզի։ Ամուսնանալիս, գրավոր պայման կապե կնոջդ հետ, որ պարապելուդ ժամանակ իրավունք չունենա սենյակդ ավլելու։

Թե չէ ինչի նման է իմ կյանքը։ Մեկ աչքը թուղթիս, մյուս աչքը դռանը ուղղած սարսափահար կմտածեմ՝ ահա մտավ կինս ավելը ձեռքին․․․

Մաքրասիրությունը շատ անուշ բան է, եթե գործին հետ համերաշխ կքալե։ Բայց երբ կըսե, չէ՝, գո՛րծ, դուն կեցիր, ես առաջ անցնեմ՝ կորսվե թող այդ մաքրասիրությունը։

Ես հավատացած եմ, եթե կինս հանցանքով մը մահվան դատապարտվե՝ անտրտունջ կմեռնե։ Բայց եթե պարզվեցավ, որ զինքը կախելու են անանկ սենյակի մի ձեղունեն, որուն հատակը․․․ ավլված չէ, օ՜, վճռաբեկ բողոք կներկայացնե՝ խնդրելով թույլ տալ գեթ վերջին անգամ․․․ սենյակն ավլելու։

Կիրակի 10 ― Բաներ մը կան բնության մեջ, որբ երբ ծերանան, այլևս չեն տնկվեր, այլ ինչպես թոշնած ծաղիկ՝ կամ աջ, կամ ձախ կթեքին։

Այսօր կոմկուսակցությունը այդ բաներու կարգին կպատկանե՝ մաս մը աջ է «թեքվեր», մաս մը ձախ։

Ես միշտ կըսեի․

― Այն օր, երբ սա կուսակցությունը սկսե մտածել՝ կմեռնե։

⁕ Կրակի վրա յուղ։ Այո, ուրիշ կերպ չկրցա որակել, երբ տեսա քաղաքային հոգեկան հիվանդանոցին բժիշկը «լենինիզմ» կբաժներ հիվանդներուն կարդալու․․․

Երկուշաբթի 11. ― Վերջերս ժողովուրդը ուրիշ ճար չգտնելով՝ կգինովնա ու կսկսե ճիշտը խոսել։

Այդ պատճառով կառավարությունը դեկրետով մը կարգելե հարբեցողությունը։

Շատ աղեկ, բայց չէ որ գինովներե զատ երեխաներն ալ ճշմարտությունն ըսելու մոլությունն ունին։ Սպասենք երկրորդ դեկրետ մը երեխայության դեմ։

Երեքշաբթի 12. ― Երեկ տեղ մը քեֆի էի կանչված։

Մեկը կոչնակներեն համալսարանի վերջի կուրսի ուսանող էր, որն «անհարազատության» մեղադրանքով կրճատված էր ու բարկութենեն լալ կուզեր։

Մյուսը ուսանող մըն էր, որուն կրճատեր էին նույն պատճառով, և մտածելով իր բազմանդամ ընտանիքի վերահաս սովամահության մասին, ահաբեկված էր։

Երրորդը կոշկակար մըն էր, որին նորուս աշակերտը դատ էր բացել վրան, իբրև «աշխատանքն շահագործողի» ու ցավագին մտմտուքի մեջ էր՝ թե վաղը ինչ պիտի վճռի դատարանը, ու թուքը ցամքեր էր բերնին մեջ։

Չորրորդը նորեն կոշկակար էր, որուն կոոպերատիվը երեք օր է ինչ կաշի չէր տար՝ ստիպելով արտելի մեջ մտնել, իսկ արտելի մեջ մտածները արդեն սկսեր են բիզերով զիրար ծակել․․․

Հինգերորդը անասունի առուտուրով կզբաղվեր, որուն վրա այնպիսի մեծ «նալոգ» էր եկեր, որ տունն ալ ծախեր, տակեն չէր ելլեր։

Վեցերորդը ութ տարվա գործազուրկ էր ու կպատրաստվեր Հարավային Ամերիկա մեկնել՝ թողնելով իր մանկամարդ կինը, որն ի դեպ ներկա էր հոն ու որուն նայելով՝ անընդհատ կհառաչեր հեռացողը։

Յոթերորդը, որ կաթնատնտես էր՝ սատկեր էր ամենալավ կովը․․․

Խե՜ղճ տանտերեր, ըսի մտովին, ինչքան գինի հոսցնելու ես, անոնց դեմքին ժպիտ մը փայլեցնելու համար։

⁕ Կոմունիստ ճարտարապետ Մազմանյանը, կքննադատե անկուսակցական մասնագետներուն այն բանում, որ անոնց շինած տան դուռներեն մեռելի դագաղ չի գա դուրս՝ հետևաբար «պրոլետարական» չէ շինվածքին ոճը։

Զարմանք։ Մի՞թե սոցիալիստական արքայության մեջ ալ մարդիկ պիտի շարունակեն մեռնիլ․․․

⁕ Ժողկոմխորհի նախագահ Գաբրիելյանը Մոսկվայեն վերադարձավ։

Չորեքշաբթի 13. ― Փարիզին մեջ, կըսեն, տիկին մը, իր նոր շրջազգեստը հագնելով, դերձակի խանութեն արագ իր տունը կվազեր։ Ու «ինչո՞ւ կվազես» հարցումին պատասխանած է՝ «տուն հասնեմ, քանի մոդան չէ փոխվեր»։

Կոմկուսակցության որոշումներն ալ ասանք վազելու պետք ունին, ինչու որ՝ դեռ տուն չհասած կփոխվեն կես ճամբին։

Ոմն Դեդուշկայի արձանը կկոփեին սա շաբաթ մըն էր, այսօր, երբ հասավ իր ավարտին ու արձանին գլուխը պիտի հաստատեին պատվանդանին վրա՝ որոշումը փոխվեցավ ու կուսակցությունը գտավ, որ Դեդուշկան արժանի չէ հավերժանալու․․․

Ու այսպես՝ հարյուրեն 99֊ը։

⁕ Կառավարական կարգադրություն։ Քրիստոսի ծննդյան օրը չպիտի տոնվե ու փոխարենը հանգստի օր կհայտարարվե Լենինի մահվան երկրորդ օրը։

Համաձայն եմ։ Կուզեի երեք օրով տոնվեր Լենինի մահը․․․ որ չկենդանանար։

Հինգշաբթի 14. ― Զինվոր կոմունիստ մը կհահտարարե թերթին մեջ, որ տակավին ոջիլը չի վերացված զորանոցներուն, իսկ Լենինն ըսեր է՝ «ոջիլը սոցիալիզմի թշնամին է»։

Միա՞ն ոջիլը։

Եթե լուն և թախտաբիթին բարեկամ են այդ վարդապետությանը՝ սոցիալիզմը կիրականանա՞։

Միայն ոջիլը անկարող է խանգարել։

⁕ Կխոսվի, որ Դեդուշկայի մինչև գլուխ շինված արձանին վրա Օրջոնիկիձեի գլուխը պիտի դնեն։

Ահա ձեզի կոմունիստական կենտավրոս մը, որուն մարմինը Դեդուշկա է՝ գլուխը Օրջոնիկիձե։

Տեսեր եմ միևնույն ծառին վրա դամոն ու սալոր պատվաստված։

Ավելի էկոնոմիկ չէ՞ր ըլլա, եթե Օրջոնիկիձեի գլխին վրա ալ մեկ ականջը Ստալինեն, մեկալը Կալինինեն կպցնեին, որով պատվանդանի մը վրա անմահացած կըլլային չորսը։

Փա՜ռք քեզ աղքատություն։

Եթե մեր պետությունը հարուստ ըլլար, մայրաքաղաքիս փողոցները անանցելի պիտի դառնային արձաններու բազմութենեն։

Վասնզի կոմունիստ մը, եթե այբուբենը ավարտեր է մինչև «քեն», անմահության է թեկնածում․․․

Ուրբաթ 15. ― Կուսակցական համագումար է թատրոնի շենքին մեջ, ու տանը մարդ չկա։ Կուսակցականները, պորտֆելներու մեջ թուղթերը սեղմած, անանկ մը կերթան, ըսես փորհարները պետքարանը կվազեն․․․

Այս օրերին ինչ խնդրով ալ իրենց դիմելու ըլլաս՝ «համագումարեն ետքը» կըսեն, առանց նայելու, թե ո՞վ է խոսողը և ի՞նչ է խնդրածը։

«Ստուգիչ թվերը» գրկած սոցիալիզմ «կառուցելու» կերթան թատրոնին մեջ։

․․․Իրոք որ թատրոն։

Միայն ինչո՞ւ այսքան երկար կամ ե՞րբ պիտի իջնե վարագույրը վերջապես սա անհամ, ձանձրալի ու սպանիչ ներկայացումին։

Դերասան մը, քարերեն ըլլալու է, ամբողջ տասը տարի ժողովրդյան սուլոցին տակ խաղալուն համար․․․

⁕ Երեկ Սահակ անունով ոճրագործ մը փողոցին մեջ երկու մարդ սպանելեն ու երեքը վիրավորելեն ետքը, երբ կձերբակալվե, նախնական հարցաքննության համար կեցեր է սա երկու օր ու բառ մըն իսկ չի գտներ ինքզինքը արդարացնելու։

Հիմա՜ր։ Ըսե սոցիալիզմ կկառուցեի՝ լմննա երթա․․․

Շաբաթ 16. ― Կինս սաստիկ կմտահոգվե, թե մեր մեծ տղան ինչո՞ւ չի խոսեր։

― Կնիկ, ― կըսեմ, ― մարդս պիտի խոսելիք ունենա՞, որ խոսե՝ թե ոչ։ Գուցե մեր տղան կհետևե Սողոմոնին այն խրատին թե՝ «ավելի աղեկ է բնավ չխոսել, քան հիմար ինչ խոսել»։

― Մինչև ե՞րբ, ― կհարցնե կինս։

― Դիցուկ մինչև կյանքին վերջը։ Մեր տղան խոմ Հայկ Ազատյա՞նը չէ, որ աշխարհիս բոլոր բաներու մասին ըսելիք մը ունենա լեզվին տակ պատրաստ ու կոճակին սղմումին սպասե՝ զանոնք դուրս զեղելու համար։

Փա՜ռք քեզ Աստված։ Ի՜նչ տեսակ մարդիկ ես ստեղծեր։

․․․Ազատյան ստեղծելով՝ երևի ստանդարտիզացիա՞ ես ուզեցեր մտցնել ստեղծագործությանդ մեջ, տե՜ր։

Կիրակի 17. ― Հետաքրքիր պարագա մը։ Կուս․ համագումարին մեջ հանքագործ բանվոր մը կուսակցապետ Հայկազ Կոստանյանին բանվորական զգեստ կնվիրե ու զայն «պատվավոր հանքագործ» կհորջորջե։

Հարց։

Կնշանակե իրենք՝ այդ բանվորները «անպատի՞վ» բանվորներ են։

Հետո։

Տասներկու տարեկան պիոներ մը, բեմը ելնելով՝ նույն Կոստանյանին վզին կարմիր փողկապ կապելով, «պատվավոր պիոներ» կանվանե։

Լա՜վ, կնշանակե օր մըն ալ առյուծներու համագումարին մեջ, ավանակ մը կրնա ներկայանալ ու համետ մը դնելով «կենդանյոց թագավորին» կռնակին զայն «պատվավոր ավանա՜կ» հայտարարել։

Մանկությունը քաղաքականապես խակություն կնշանակե։ Խակին «պատվավորն», «ամպատի՞վն» ինչ պիտի ըլլա։

Սոցիալ ցերեմոնիաներ․․․

⁕ Եթե ապագային պզտիկ որդիս բոլշևիկ դառնա՝ իր կուսակցական ստաժը այսօրվնե պիտի հաշվել։ Անիկա, որ նոր է սկսեր իրերը բռնել, երեկ կոտրեց թեյի պնակը մը։

Եթե «շինարարության» իր թափը այսպես շարունակե, ապագային, որպես կառուցող ճարտարապետ, խոշոր գործարանի մը վարիչի պաշտոնը ապահոված է արդեն։

>b>Երկուշաբթի 18.</b> ― «Եկող ամսի վեցին Ղարաքիլիսեի մեջ տեղի է ունենալու կույրերու համագումար»՝ կգրե «Խորհրդային Հայաստաին» լուրերու բաժինը։

Կուզեի գիտնալ։

Բոլշևիկյան կուսակցությունը ին կորպորե պիտի մասնակցե՞ այդ համագումարին։

Վասնզի աշխարհիս երեսին դեռ ծնված չէ կույր մը, որ չտեսնի, թե ինչպես «սոցիալիստական» այս ընթացքը երկիրը արագ քայլերով դեպի կործանումը կտանե։

⁕ Օրերս կազմակերպված հայ աշուղներու համերգին ցենզորը արգելեր է «Ձախորդ օրեր» երգելը։

Ասոր ռուսերեն կըսեն՝ «на воре шапка горит»։

Երեքշաբթի 19. ― Բժշկիս նախասենյակին մեջ հերթի էի նստած, միաժամանակ ականջներովս հետևելով խոսակցությանը, որ տեղի կունենար անցորդներու և վարի մանրավաճառին մինջև, որու անունը, ինչպես լսեցի Պողոս էր, եթե «ջանը» անդին նետենք։

― Պողո՛ս ջան, ձվերդ ողջը լակ դուրս եկան։

― Հա՞։ Էսօր նոր ձվեր եմ ստացեր։

― Ձու պետք չէ, բայց․․․ ինձ կրճատեցին գիտե՞ս․․․ Տղա՛, ի՞նչ է քո կարծիքը, ասոնք երկա՞ր կդիմանան։

― Անհոգ կա՜ց, Սերո՛բ ջան։ Հացը Խարկովին մեջ քարտով կուտան արդեն։ Այն սովը, որ ցարին տապալեց, կտապալե նաև սա ցարերուն։

― Յա՜ Աստված։

Սերոբը կերթա։

― Պողո՛ս ջան, կաղամբ ունի՞ս։

― Ամենապատվական կաղամբը։ Ինչքա՞ն կուզես։

― Հետս աման չունիմ, երթան Գրիգորին ղրկեմ, փութ մը տուր՝ բերե․․․ Իմացա՞ր, որ երեսուն հազար «նալոգ» է եկեր վրաս․․․ Պողոս, դուն խելոք մարդ ես, ասանք դեռ ինչքա՞ն ժամանակ մեր հոգին պիտի հանեն։

― Դարդ մի՛ ընե, Գևո՛րգ ջան, կանցնի՛։ Աս գիշեր երեսուն տրոցկիստ են բռնած։

― Աստված ձայնդ լսեր․․․

Գևորգը կերթա ու Պողոսը «Ձախորդ օրերը» կդնդնա քթին տակ։

― Լևո՛ն, ո՞ւր, ― կձայնե Պողոսը՝ այս անգամ ինքը կտրելով երգը։

― Միլիցատուն՝ տուգանք տալու, թե ինչու անցյալ գիշերը քամին մարեր է փողոցի լամպը ու ես կես գիշերին չեմ ելեր վառեր։ Ո՜ւհ, աս տեղս է հասեր, Պողո՛ս (չիմացա, որ տեղը, վասնզի չէի տեսներ)։

― Կանցնե՜, Լևո՛ն ջան, մի՛ մտածե։

― Կանցնե, բայց․․․ իսկապես, Պողո՛ս, ի՞նչ կա֊չկա։

― Ցեցը մեջնին է ընկեր, երկար չի տևի։

― Մեռանք, մեռանք, ալ ճար չկա։

Լևոնն ալ գնաց։

― Պողո՛ս, երեք աստղանի կոնյակ մը տուր։

― Համեցեք, ― ըսավ Պողոսը, և մարդը իր ճամբան շարունակեց՝ առանց իշխանությամբ հետաքրքրվելու։

Զարմանքս բռնեց։ Ինչ մարդ է սա, մտածեցի, որին ոչ պաշտոնե են հաներ, ոչ երեսուն հազար նալոգ է եկեր վրան, ոչ ալ քամին լամպն է փչեր։ Ի՞նչ դասի ու դասակարգի կպատկանե սա երջանիկ էակը, որուն իշխանությունը ոչ մեկ տեղը չի սղմեր։ Լուսնե՞ն կուգա, ինչ է։

Չդիմանալով՝ պատուհանը բացի ու հարցուցի․

― Ներեցեք, ընկե՛ր Պողոս, ո՞վ էր սա անցնողը։

― Կոմունիստ էր, ― ըսավ։

Չորեքշաբթի 20. ― Եթե Սիմոն Հակոբյանը իր կյանքը ապահովագրած ըլլար որևէ ընկերության, պիտի երթայի ու ողջ գումարը պահանջեի։ Վասնզի անիկա իբրև մարդ մեռավ։

Հետո։

Շատ անգամ կարևոր մարդը մեռնելուս կըսեն․

― Այսինչը մեռավ, բայց անոր հոգին կենդանի է։

Արդ, եթե տիար Սիմոն Հակոբյանը կհամառե տակավին ու չի ուզեր մեռնիլ, ան ատեն, թույլ տվեք գործածել սա բանաձևը․ «Սիմոն Հակոբյանը թեև կենդանի է, բայց անոր բարոյականը մեռած է․․․»

⁕ Միլիցատուն մտա ու պետին բան մը առաջարկեցի։ Պետը բարկացավ վրաս։

Բանեն դուրս կուգա, որ «առաջարկները» «հրամայելու» իմաստի է հասեր ու վերադաս մարմինը միայն իրավունք ունի ստորադասին առաջարկելու։

Ինչո՞ւ․ վասնզի հավասարությո՜ւն է արդեն ու հավասար մարդոց համար անհարմար է «հրամայելը»։

․․․Ու որպեսզի քանի մը զույգ մարդիկ զիրար «չհրամայեն», կստիպեսն, որ ողջ ժողովուրդը «խնդրե» իրենց։

Ահա ձեզի ժողովրդավարություն։

Հինգշաբթի 21 ― Առավոտը կինս, սևացած ատամներս տեսնելով, սկսավ հանդիմանել․

― Ա՜յ մարդ, չե՞ս ամչնար ատ ատամներովդ դուրսը կխնդաս մարդոց առաջ։ Չվերցնես պտղունց մը աղ ու մաքրես։

― Երանելի՜ կնիկ։ Դուն ալ կարծեր ես, թե մենք դուրսը կխնդանք․․․

Ու երբ հանգամանորեն բացատրեցի, որ այս ռեժիմին մեջ մարդիկ չեն խնդար, համոզվեց․

― Լավ, ան ատեն՝ ազատությունը։

― Օ՜, անուշիկ կնիկ, ազատության նախօրեին դուն ատամներս կազմ ու պատրաստ շարված կտեսնես՝ խնդալու համար․․․

⁕ Ինչպե՜ս իսկույն կփոխեն մեզ մոտ մարդիկ իրենց սկզբունքները։

Երեկո դաշնակ կպառկեն՝ առտու բոլշևիկ կզարթեն։

․․․Տխմա՜ր պետություն, եկեր Երևանի թա՜ց, ջուրի չափ խոնավ տունե՞ր կապահովագրես հրդեհին դեմ։ Տուներ, որոց վառելու համար պետք է քանի մը ամիս փուռը չորցնել։

Մարդոց սկզբունքները ապահովագրե, որ գեթ մեկը երկու օր միևնույն սկզբունքով ծառայե․․․

Ուրբաթ 22. Խորհուրդներու ընտրության առթիվ, կոլեկտիվ մը կառաջարկե Գավգործկոմին կազմել մեռելներ թաղող կոմիտե մը, որը իր վրա վերցնելով թաղման գլխացավանքները, դյուրություն տա աշխատավորությանը մեռնելու։

Հանճարեղ միտք։

Այս երկրին մեջ նման կոմիտե մը ավելի անհրաժեշտ ապարատ մը չի կրնար ըլլալ։ Երկիր մը, ուր ապրելու բոլոր ճամբաները գոցված են՝ գեթ մահը պետք է դյուրին ըլլա։

Ու ես կոմիտեին հաջողությանը չեմ կասկածեր։

Պետություն մը, որ գիտե սպանել՝ պիտի գիտնա նաև թաղել իր ժողովուրդը․․․

⁕ Գարուն է արդեն։

«Ձմեռը գնաց, բայց «ձախորդ օրերը» կմնան։

Շաբաթ 23. ― Եթե իրավ է, որ բանվորական դիկտատուրա է, որ իշխանությունը, գործարանը, բոլորը բանվորին կպատկանե, ինչո՞ւ չեն ձգեր, որ բանվորը քանի ժամ ուզե՝ այնքան աշխատե, ուզե աշխատե՝ չուզե չաշխատե։ Ինչո՞ւ կպատժեն իրեն, երբ քիչ մը ազատ շարժե։

Ա՜, տեսա՞ք ինչպես իշխանությունը բանվորին չի պատկաներ․․․

⁕ Տեր Վրդանեսին հետ երեկ երեկո խոսակցելով տուն կերթայինք։ Հարյուր տոկոսով քահանա՝ մորուքը տեղը, Ամենակարողը երկնքին մեջ բազմած։

Այս առտու տեսա նույն քահանային միրուքը խուզած, աշխարհականացած, տունեն դուրս կելնե։

― Տերտեր, ի՞նչ եղավ քո երեկի Աստվածը, ― ըսի զաարմանքս պահել չկրնալով։

― Ասոնց հալածանաց Աստվա՞ծ կդիմանա։ Կնկաս ծառայութենեն արձակեցին, աղջիկներուս դպրոցեն հանեցին։ Ու այդ բոլորը երկու մազ միրուքիս համար։ Չուզեցինք ախպար։ Թող կորսվի՛ այդ փունջ մազը, որ կեցած սա չոճուխներու ճամբուն՝ չի թողուր, որ դեպ սոցիալիզմ երթան․․․

― Անանկե նե, բարև ձեզ, ընկե՛ր Վրթանես։

― Աստծու բարին, բարեկա՛մս․․․ ի՞նչ ընենք։

Գնաց։

Տեսա՞ր, Աստվա՛ծ։ Եթե տեր Վրթանեսին կնկան համար պաշտոն մը ճարեիր ու աղջիկներուն համար դպրոց՝ գոյությունդ պիտի շարունակեիր։

Իսկ հիմա՝ չկա՜ս։

Առ քեզի։

Կիրակի 24 ― Սա երեք ամիս է քաղաքիս հացերը չեն ուտվեր։ Ծախվող հացերու մեջ եթե ալյուր ալ խառնված ըլլար, պիտի հայտարարեի՝ մայրաքաղաքիս հացերու մեջ ամեն բան կա․․․

⁕ Ի՞նչ ընեմ, ջանըմ, սա երկու պզտիկներս իրարու միս կուտեն՝ պզտիկ բանի մը համար։

Վա՜յ, իմ ձիու պոչեն մազ քաշեց, վա՜յ, ականջին մեջ ձող տնկեց՝ ու ծեծ, քաշկռտուկ, լաց, աղաղակ։

― Օ՜ֆ, ե՞րբ վերջապես սա սոցիալիզմը կիրականանա՝ պրծնինք։ Ի՞նչ է սա սեփականության երեսեն քաշածնիս, ― կըսե կինս երբեմն սրտնեղած։

― Կնիկ, ― կըսեմ ես, ― չեմ երևակայեր դարաշրջան մը, երբ մեր Աշոտը թող տա, որ մարդկությունը իր փայտե ձիուն դպնա։ Այդ կարելի էր միայն այն ժամանակ, եթե այս անառակները հղանալիս ոչ թե արու և էգ ձվիկներ իրարու հանդիպեցին․․․ այլ Մարքսի և Էնգելսի գաղափարները։

Երկուշաբթի 25. ― Եթե վիճակվեր ինձի օր մը խորհրդային տպարանի մը վարիչ ըլլալ, անանկ ռեֆորմներ կմտցնեի գրաշարական արհեստին մեջ, որ «Խորհրդային Հայաստանին» տպագրությունը իննսունինը տոկոսով աժան նստեր խմբագրությանը վրա։

Ի՞նչ պետք կա տպված հոդվածի մեջ շարվածքը ցրել ու վաղը նորեն նույն բանը տարբեր վերնագրի մը տակ շարել։

Ողջ թերթը արդեն կբաղկանա քանի մը նախադասություներե՝ առաջ կամ ետև շարված։ Այդ հինգ֊վեց ընթացիկ նախադասությունները միշտ շարված պատրաստ ունենալով, պետք է նայել որմնադրի մը նման պատի վրա նստած պատասխանատու խմբագրին։

― Կրակ՝ դեպի աջ վտանգ, ― պոռացած ատեն՝

― Համեցեք, ― ըսելու է գրաշարը վարեն։

― Տուր «կրակ» մըն ալ դեպի «դեպի ձախ տրոցկիստական վտանգ», ― ըսե նե՝

― Ա՛ռ, վարպե՛տ ջան։

― «Մենք կառուցեր ենք սոցիալիզմ, կկառուցենք ու պիտի կառուցենք»։

― Ա՛ռ։

Արդեն պատրաստ է թերթին մեկ սյունակը։ Կրկնե նույնը երեսուներկու անգամ՝ ու թերթը պատրաստ է տպարանեն դուրս գալու։

Պարզապես ստանդարտիզացիա։

⁕ 83 տարեկան մայրս նստեր է դեմս ու ծանր կխոկա։

― Ի՞նչ կմտածես, մա՛, ― կըսեմ։

― Ա՜խ, որդի՛, կմտածեմ, թե ինչպե՞ս պիտի մեռնիմ։

― Վե՛ր, գործիդ կեցիր, մա՛, ― կտրեցի, ― մեր ինչպես մեռնելու մասին մտածողներ կան, մտածե մեր ապրելուն վրա, որու մասին մտածող չկա․․․

Երեքշաբթի 26. ― Պետությունը սպիտակ հաց պիտի բաց թողու հիվանդներուն։

Պետություն մը, որ միայն աղքատություն ու հիվանդություն կքաջալերե, ինչքա՜ն սրտին մեջ ուրախ պիտի ըլլա մեռնողներու համար․․․

Սա խնդրյուն քաղաքական կողմը։

Գալով տնտեսականին՝ հազիվ թե իր խոստումը ի կատար ածե։ Վասնզի առողջներուն կերակրելով այսպես սևով՝ կարճ միջոցի մը մեջ բոլորն ալ ճերմակ հացի թեկնածուներ դառնան պիտի։

Ուրեմն ճերմակին հասնելու համար ինչո՞ւ սևին ճամբան բռնել։

Չկա՞ ավելի կարճ ուղի։

⁕ Ես սխալվեցա անցյալներ ձմեռվա հեռանալն ազդարարելով։ Այսօր հանկարծ վերադարձավ։

Երևի բան էր մոռցեր․․․

Չորեքշաբթի 27. ― Ժամանակ մը բոլշևիկները ինքզինքնին դաշնակցության հետ համեմատելով, միակ առավելությունը այն կցուցունեին, որ իրենք առանց հերթի հաց կուտան ժողովրդին։

Ա՞յժմ ինչով պիտի պարծենան, երբ հացի հերթերը եթե տնկենք, մինչև երկինք կհասնե։

Հերթերը այս ընթացքով զարգանալու ըլլան նե, Կարսի ու Սուրմալուի խնդիրը ակամա հրապարակ պիտի գա, վասնզի սա հերթերը ինչքան ալ կծիկի նման իրար վրա փաթթես, նորեն մեր պզտիկ երկիրը չի վերցներ։

Սա դեռ միայն հացի հերթը։

Բա պանիրի՞ն, բա յուղի՞ն, մանուֆակտուրայի՞ն (մանավանդ), բրինձի՞ն։

Ես կըսեմ․

Եթե մարդկությունը ճառով ապրելու ըլլար, երկրագնդի ամենաերջանիկները մենք պիտի ըլլայինք, վասնզի ճառի ու «բանաձևի» մեջ շշկլեր ենք։

Հինգշաբթի 28. ― Այսօրվնե խորհուրդներու «ընտրության» կատագերգությունը կսկսե։

Նախնի բռնավորներուն ու միպետներուն Աստվածը վերեն կկախեր մեր գլխուն, որ կառավարեին։

Ան ատենները այդ երևույթը կորակեինք իբրև անլուր բռնություն՝ հանդեպ մարդկային սրբազան իրավունքի։

Սակայն, ո՜վ կերեվակայեր, որ պիտի գա ժամանակ մը, երբ մարդիկ իրենք պիտի «ընտրեն» իրենց բռնավորները։

Ցարը մեզի կապտակեր իր ձեռներովը ու մենք կբողոքեինք։

Ի՞նչ պիտի ընենք հիմա, երբ մեզի կստիպեն ապտակել մեզի մեր իսկ ձեռներով․․․

Ուրիշ կերպ անկարող եմ որակել «ընտրություն» մը, որ կոմիտեն կընտրե ու ժողովրդյան բռնի կքաշե մատ բարձրացնելու։

․․․Երանի՜ անոր այս երկրին մեջ, որում մատը կտրված է կամ բազուկը գոսացած։

Անոնք ենք միակ «մարդը»;

⁕ Աչքերս կխաղան, մա՞րդ պիտի գա մեր տուն։

Ուրբաթ 29. ― Առտուն տնքտնքալով ներս մտավ նորքեցի Աբրահամը ու ստիպեց, որ թուղթ ու գրիչ պատրաստեմ խնդրագիր մը գրելու։

Պատրաստեցի։

― Ի՞նչ գրեմ, Աբրամ ցիձա։

― Ծո՛, աղբար, երկու տարի առաջ սատկած իշու համար սա երկրորդ տարին է հարկաթուղթ կուգա։ Ի՞նչ բան է սա, մեռնողներն ալ չեն ազատվեր այս երկրին մեջ․․․

― Ա՜, ― ըսի՝ գրիչս վար դնելով։ ― Այո՛, այն բոլոր կենդանիները, որք եկամուտ կուտան պետությանը՝ իրավունք չունին ինքնակամ մեռնիլ։ Վասնզի սա պետություն է չէ՞, ունի բյուջե, «հնգամյա պլան», խոմ չի՞ կարելի, որևէ իշու մը պատճառով հաշիվը խառնել։

― Հարկի դիմաց գրեր են միակ կարպետս, որ ծապեն․․․

― Ինչքան շուտ ընչազուրկ դառնաս, այնքան լավ։ Առակը կըսե․ «այսօրվան գործը վաղվան ձգելու չե»․․․

Չէ՛, աղքատությունը քաջալերելու համար մեր կառավարությանը մնացեր է մեկ բան միայն՝ խոշոր մրցանակ նշանակել անոր, ով կկարողանա կարճ ժամանակվա մեջ, մինչև վերջին թել աղքատանալ․․․

Շաբաթ 30. ― Պետական օճառի գործարանի երկու բանվորներ, որոց պաշտոնն էր ձեթի եռացող կաթսան հսկել, առջի օր 5֊ական ամսի թիապարտության դատապարտվեցան դատարանին կողմեն՝ պարտականության ժամին քնած ըլլալուն համար։

․․․Դատարանին մեջ օրենքե հասկացող չի եղեր։

Ես եթե ներկա ըլլայի, մատնանշելով բանվորներեն միույն մի ականի ըլլալը՝ ըսեի պիտի․․․

― Երկրի մը մեջ, եթե հարկատվությունը, կոոպերատիվ գրքույկներու արժեքը և առհասարակ ամեն բան համեմատական է (շատին՝ շատ, քչին՝ քիչ), ի՞նչ իրավունքով մեկ աչքով քնողի մը երկու անգամ ավելի հանցավոր է․․․

⁕ Հացի ու ջուրի «պոչերը» իրարու հետ կմրցեն և յուրաքանչյուրը անոնցմե ռեկորդ կուզե խփել իր երկարությամբ։

Միակ բանը, որ կարելի է առանց «պոչ» կենալու ձեռք բերել՝ օդն է, հիմակու֊հիմա կարելի է առատ շնչել։

Իսկ եթե ասոնց «շինարարությունը» այս թափով ընթանա, չեմ կասկածեր, որ օդն ալ նորմայի տակ իյնա․․․

Երկուշաբթի 2. ― Ես հաշված եմ, որ եթե սա ռեժիմը փոխվե, մարդիկ մեկ ժամվա ճանապարհը կես ժամեն պիտի կտրեն։

Ավանակի բեռի մը չափ փաստաթուղթեր կան, որ պիտի կրես վրադ։

Տասներկու տոնազանե անդորրագիր, որ պահանջած ատեն ցուցունես՝ նորեն չգանձելու համար։

Անդորրագիր մը, որով հարկային «դեկլարացիա» ես տվեր, պետական փոխառության անդորրագիր, անդորրագիր, որ տունդ ապահովագրեր ես հրդեհին դեմ, անդորրագիր այծիդ ապահովագրությունը ապացուցող, անդորրագիր, որ գլխահարկ ես վճարեր։

Ապա գրքույկ մը՝ հացի համար, գրքուկ մը՝ պանիրի ու շաքարի համար (եթե ճարվի), անկե վերջ պրոֆմիության գրքույկ, պաշտոնիդ հաշվեգրքույկ, աշխատավորական գրքույկ, անձնական ապահովագրական գրքույկ, երեխայիդ նպաստի գրքույկ, մոպի, պաջավիոքիմի, խնայողական արկղերի, պետական ա և բ միությանց գրքույկներ՝ թվով տաս, հինգն ալ մոռցա՝ տասնհինգ գրքույկ։

Հա՛, անկե վերջ ստաժիդ թուղթերը՝ 1921֊ին ի՞նչ գործի ես եղեր, 22֊ին՝ ի՞նչ, 23֊ին՝ ի՞նչ։ Ինչո՞ւ ես դուրս եկեր, ինչո՞ւ ես մտեր։ Ո՞ւր էիր այսինչ թվին, ինչո՞վ կզբաղեիր այնինչ թվին։ Ու եթե, տեր մի արասցե, անգործ ես եղեր՝ որևէ թուղթ մը աշխատանքի բորսայեն «առ այն», որ դու գրված ես իր մատյանին մեջ։ Թուղթ մըն ալ սոցիալական ապահովագրական գանձարկղեն, որ դու նպաստ ես ստացեր։ Իսկ եթե հիվա՜նդ ես եղեր, ալ պրծավ, աշխարհիս բոլոր փաստաթուղթերը գրպանդ թխմած պիտի քալես․․․

Այս ընթացքով, պիտի գա ժամանակը, երբ ամեն խորհրդային քաղաքացի ձեռնասայլ մը բռնած, իր փաստաթղթերը պիտի քաշե սա թութղի ու ճառի պետության մեջ․․․

⁕ Մյուզիքը մահերգ կնվագե փողոցին մեջ։ «Խե՜ղճ՝ կըսե կինս հանգուցյալին, իսկ ես կնկատեմ․

― Եթե երբեք մեռնողները «խեղճ» են, հիսուն տոկոս մըն ալ մենք ենք «խեղճ», վասնզի, ճիշտ է, թեև չենք մեռներ, բայց չենք ալ ապրեր։

Ուրեմն, հանգուցյալը մեզմե ընդամենը հիսուն տոկոսով է ավելի «խեղճ»։

Անիկա հայրուր տոկոսով է մեռեր։

Երեքշաբթի 3. ― Եթե ինձի հարցվի, թե ո՞ր տեղը աշխարհիս երեսին ամենեն աժանը կապրվի՝ հոս, խորհրդային երկրին մեջ, պիտի պատասխանեմ․ «Ուզես ալ դրամ չես կրնար ծախսել, վասնզի ապրանք գոյություն չունի․․․»

⁕ Երկրորդ դեղատան ծառայող Վասիլը, թույն խմելով, ինքզինքը գետն է նետեր՝ «շտապ մեռնելու համար։

Բայց որովհետև այս երկրին մեջ շտապ որևէ բան չի կատարվեր, այդ պատճառով բռներ են խեղդվողին ու հիվանդանոց տարեր։

Կիմացվի, վերջեն, որ ինքնասպանության պատճառը լեզվի թլպատությունն է եղեր։

Խե՜ղճ մարդ։ Նախկին ռեժիմին, երբ լեզվի կարիք կար, ինքզինքը չխեղդեց, հիմա, երբ լեզու ունեցողներն են համրացեր, անթերի լեզու կփնտրե․․․

⁕ Երեկ կոոպերատիվին մեջ, հղի կին մը սպիտակեղեն առնելու ատեն՝ սեղմումեն․․․ ծներ է։

Եթե երեխան իմս ըլլար՝ անունը «Վերելք» պիտի դնեի․․․

Չորեքշաբթի 4. ― Ցուցադրական դատ։ Իջևանին մեջ կդատվի խորհրդային պաշտոնյա մը՝ «բյուրոկրատիզմի» համար։

«Արտակարգ» դատարան, զարհուրելի կազմ, «Հանուն Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության» քստմնեցուցիչ մեղադրական հոդվածներ․․․

― Վա՜խ, խե՜ղճ մարդ, ― կըսես մտքիդ մեջ, ― գնդակահարվեցավ։

Բայց ի՞նչ։

«Անել խիստ նկատողություն և այդ հրատարակել թերթին մեջ մեղադրյալի ծախքո՜վ»․․․

Կախաղան կարժասե թելով։

Այդպես խոմ Նունիկս ամե՜ն օր կկախե պուպրիկները․․․

⁕ Սրբագրիչ կարգվեցա «Խորհրդային Հայաստան» թերթին։

Ավելի անմիտ գործ քան այս, անհնար է երևակայել։

Դիցուկ, քեզի կարգեր են գերեզմանատանը կից՝ մեռած մարդկանց գլուխեն ոջիլ հավաքել։

Չնայած մահվանեն մինչև թաղվելը քսան չորս ժամ կտևե։

Իսկ այսօր օրաթերթին տպվելեն մինչև պետքարանը՝ հազիվ չորս ժամ տևե․․․

Հինգշաբթի 5. ― Կոմկուսակցությունը իրենց Կեդրոնական դպրոցի տեսուչին չորս հարյուր լավ կոմունիստի պատվեր էր տվեր՝ կուսակցության շարքերը անցունելու համար։ Քննիչ հանձնաժողովը, ստուգելով ապրանքը, գտեր է, որ վաթսունը «լավ կոմունիստ» չեն ու ետ է դարձուցեր։ Դպրոցին տեսուչը կառաջարկե, այդ վաթսուն խոտանը՝ երկուսը մեկ հաշված, երեսունի մուտք գրե։ Կոմիտեն չի ընդուներ, ու այսպես կագ ու կռիվ։

․․․Բայց կոմիտեն զուր չի ընդուներ՝ պայմանը ձեռնտու է։ Ձու ծախողներն ալ երկու կոտրածը մեկ ողջի հաշվով կվաճառեն։

⁕ Փողոցեն անցածս ժամանակ նկատեցի վաթսուն տարեկան ծերունի մը ուրախ կխնդար։

Այս տարօրինակ երևույթին պատճառը երբ ուզեցա գիտնալ, երևաց, որ հարբած է։

․․․Հետաքրքիր է՝ քանի դույլ գինիով կրցեր էր մոռնալ այս ռեժիմը։

Ուրբաթ 6. ― Եթե ինձի հարցվի, թե աշխարհի ամենամեծ սուտն ո՞վ ըսավ՝

― Բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, ― պիտի պատասխանեմ։

Հոդված մըն է զետեղեր թերթին մեջ, որի մեջ կըսե, թե ուսուցիչները իրենց մտավոր պաշարը «Խորհրդային Հայաստան» թերթեն կքաղեն․․․

Նման սուտի մը համար, եթե ինձի ոչ թե ամսական 120, այլ 1020 ռուբլի ալ վճարելու ըլլային, չպիտի կրնայի ըսել։

Նախ և առաջ, այդ սուտն զուրցելու համար, առնվազն Իսահակյանի տաղանդն ունենալու է մեկը։

⁕ Կոոպերատիվին «պոչերը» եթե հնարքով մը քաղաքեն դուրս երկարելու միջոց չգտնե քաղաքապետարանը, այլևս քաղաքին մեջ անցուդարձը անհնարին կդառնա։

Կա՛մ այդպես, կա՛մ խանութի մի կողմը մեկ քիլոմեթր երկարող «պոչը» չորս հավասար մասերու կտրելով, մեկ մասը խանութի դռնեն դեպի աջ երկարելու է, մեկը՝ ձախ, մեկը ստորերկրյա անցքով՝ վար, մեկն ալ՝ դեպի վեր։

Շաբաթ 7. ― Հայտնի դաշնակցական Արշակ Ղազարյանը, լքելով իր կուսակցությունը, Խորհրդային Հայաստան է եկեր՝ ծառայելու բոլշևիկներուն։

Տարի մը լման հոս է Ղազարյանը ու չի սկսեր տակավին «ծառայել»։ (Չի) հայհոյեր դաշնակցությանը ու չի փառաբաներ կուսակցությունը)։ Ի՞նչ էր գաղտնիքը, ոչ ոք չգիտեր, ու հասարակությունը լեցված հրացանի մը բերնին նայող երեխայի պես, ակնդետ կրակվելուն կսպասեր։

Իրոք որ անբնական երևույթ։

Երևակայեք, մարդ մը մե՜ծ հարսանիքով աղջիկ մը առնե կնության, տունը տանե կինը, երկրորդ օրը քահանան կուգա «կսրբե» անկողինը կերթա, բայց ամիսներով ամոլները իրարու քով չեն պառկեր․․․

Ըսենք կպատահե ներկայիս, բայց բացառապես այն պարագաներուն, երբ հարսը դեռ դպրոց կերթա, և ավարտելուն քանի մը ամիս է մնացեր, կամ տարիքով պզտիկ է ու նշանածի իրավունքով կապրե իր մարդուն քով։

Բայց Ղազարյանին միրուքին մեջ սպիտակ մազերը ավելի շատ են, քան մեր «ընտրված» Կենտգործկոմին տուփին մեջ սպիտակ քվեները՝ ինչո՞ւ այսպես։

Բայց այսօր պարզվեցավ։

Պաշտոնի կսպասեր։ Ստացավ։ 220 ռուբլի ամսական։

Երկու կուսակցությանց վիճակը պարզվեցավ վերջապես։

Դաշնակցությունը 220 ռուբլիի քանդեր է Հայաստանը, բոլշևիկները նույն չափով շիներ են։

Այսպես կվկայե այսօրվա թերթին մեջ տպած իր հոդվածը։

Բայց չկարծեք դաշնակցությունը միայն 220 ռուբլու է քանդեր Հայաստանը։

Ո՛չ, այսքանը՝ վասնզի մեր պետությունը աղքատ է․ վաղն եթե հարստանա, դաշնակցության քանդարարության չափը կրնա բարձրանալ մինչև հինգ հարյուր ռուբլիի․․․

⁕ Ըսի՝ չէ՞, սրբագրիչ եմ։ Այսօրվա համարին մեջ «ֆինանսական» ու «ֆրանսական» բառերը իրար ենք խառներ։ Ողջ խմբագրությունը իրար է անցեր ու կպատրաստվե գրավոր «նկատողություն» հղել մեզ։

․․․Եթե ես հանցավոր եմ թուղթին վրա երկու նման բառեր զիրար խառնելուն համար, ապա իրենք որքա՞ն հանցավոր են՝ «ցարական» և «խորհրդային» ռեժիմները իրականին մեջ զիրար խառնելուն համար։

Շաբաթ մը չկա, ինչ սրբագրիչ եմ, երկու անգամ նկատեր են ինձի։

․․․Ա՜խ, տվեք ինձի խոշոր գրիչ մը, որ սրբագրեմ սա սխալներու սխալը՝ բոլշևիկյան ռեժիմը։

Կիրակի 8. ― Այն խնամքը, որ կտանե դիմացիս սենյակը ապրող տիկինը իր երեսի կաշիին վրա, եթե ատոր կեսը խորհրդային կաշեգործարանները տանեին իրենց շևրոներուն վրա, այսօր խորհրդային կաշիները համարձակ մրցեին պիտի եվրոպական շևրոներուն հետ։

⁕ Այսօր բարեկամիս հարցուցի․

― Օրական որքա՞ն ժամանակ կուտաս «Խորհրդային Հայաստան» կարդալուն։

― Նայած ստամոքսիս։

― Ի՞նչ կապ ունի ստամոքսը թերթուն հետ։

― Թերթը պետքարանին մեջ միայն կկարդամ։ Պնդության պարագային ավելի կկարդամ, իսկ երբ լույծ եմ՝ միայն աչքե կանցունեմ։

― Լավ, բայց այդ բանը գաղտնի պահելու ես։

― Ինչո՞ւ։

― Կառավարությունը լսե նե, դեղատուներեն վերցնել կուտա բոլոր տեսակի լուծողականները, ու մինչև իսկ, սանիտարական պատրվակներով կրնա գեղեցիկ օր մը պնդության պարտադիր օրենքը հրատարակե և որոշումը խախտողին սանկ֊նանկ ընե, ինչպես սովորաբար։

Երկուշաբթի 9. ― Կուսակցական զտում։ Կհեռացվեն անհարազատները։ Ոմն Սիմոն Յեվոյան զտող հանձնաժողովի առջև կամբաստանվե այն բանի մեջ, որ իբր իր մեկ ոտքը քաղաքն է, մյուսը՝ գյուղ, մինչդեռ կամ գյուղ, կամ քաղաք՝ իրենց օրենքներով։

Հանձնաժողովը ի պատասխան կհայտարարե, որ այդ ամբաստանությունը չի համապատասխաներ իրականությանը, վասնզի Յեվոյանը ունի ընդամենը․․․ մեկ ոտք։

⁕ Բանկոոպին մեջ, ճզմումի հետևանոք կոտրվեցավ կնոջ մը թև։ Միլիցիան, անմիջապես օգնելով աղետյալին, կառք նստեցուց ու հիվանդանոց տարավ։

Կըլսվե, որ բանկոոպը առանց հերթի այդ կնկանը ութ մեթրո չիթ է տվեր․․․

Օրինակ մը խիստ գայթակղեցուցիչ։ Վասնզի ո՞վ ութ մեթրո չիթի համար իր մեկ թևը չի կոտրեր․․․

Երեքշաբթի 10. ― Հարյուր մարդ կրնամ հաշվել, որք վաղաժամ ծերանալ կուզեն։

Անցյալներ պաշտոնատան մը մեջ ծառայողը զարկավ սպանեց իր պաշտոնակից օրիորդը, որ մերժեր էր իր սերը։ Ասոր նման քանի մը միջադեպերու հետևանոք՝ կառավարությունը կփնտրե ծերունի պաշտոնյաներ։

Հազարավոր գործազուրկ մարդիկ կանիծեն իրենց բախտը հիսուն տարի առաջ ծնված չըլլալուն համար։

Օր մը, թևեն քաշեցի երիտասարդ անգործի մը ու հարցուցի․

― Կուզե՞ս շուտ զառամել։

― Միակ բաղձանքս է․․․ ապրելու համար։

― Սենյակ մը շինե, անանկ է նե, պետական պաշտոնյա մը դիր մեջը ու աշխատե հանել սենյակեդ։

― Ու կծերանա՞մ։

― Օրե օր։ Ավելին, ժամե ժամ։

― Այդ ինչպե՞ս։

― Պատմելը երկար կըլլա, սիրելի՛ս։ Դուն ուղղակի նստե, դիմում մը գրե ժողդատարանը, թե ենթադրենք՝ Հրաչյա Գևորգյանը բռնագրավեր է սենյակս, վեց տարե ի վեր անվարձ կնստե ու չուզեր հեռանալ։

― Բայց ես տակավին տունս չեմ շիներ․․․

― Հոգ չէ։ Մինչև դատարանը իր վճիռը կայացնե ու տված վճիռը գործադրե՝ տունդ արդեն վաղո՜ւց կայնած կըլլա արտի մը մեջ ու Հրաչյան ալ մեջը։

― ․․․Ատո՜ր համար տնատերերը ասանկ շուտ կծերանան։

― Յա՞։

⁕ Այսօր խոսակիցս սաստիկ կզարմանար, որ ասանկ աղքատ երկրի մը մեջ, ուր անգործություն միայն կա, ավազակություն չի պատահեր։

― Հանգիստ եղիր, ― ըսի, ― այդ դերը պետությունն է վերցուցեր իր վրան ու կտանե ավելի ծրագրված, քան պարտիզան ավազակը։

Ու կզարմանամ։

Ինչո՞ւ առաջները ավազակները փոխանակ լեռները ելլելու՝ քաղաքներու մեջ ասանկ կոոպերատիվ խանութներ չէին բանա ու երկու ռուբլանոց շիվյոնը 32 ռուբլով վաճառեին․․․

Չորեքշաբթի 11. ― Կինս ոտքի է ելեր ու պիտի ծնե։ Մանկաբարձուհիի ետևեն կվազեմ խելակորույս ու բախելով հանդիպածս մանկաբարձուհիին դուռը կաղաչեմ․

― Տիկին, կինս ոտքի է կեցեր և ձեր շտապ այցելությանը կսպասե։

Տիկինը, չուզելով նկատել ինձի, վասնզի սաստիկ բարկացած էր, դուռը բացավ ու ետևը ինձի դարձուցած շարունակեց․

― Ժողովրդյան երկու մեթրո բամբակեղեն չեն կրնար հասցնել՝ վերելքեն կճառեն։ Ընդամենը երկու թոփ բասմայեն դրեր խանութին մեջ, հազարավորներ հավաքած իրար գլխուն, ձիթահանի պես ճզմել կուտան անզգամները ու ասանկով՝ Եվրոպային անցնե՜լ կուզեն խեղկատակները։

― Տիկին, կինս ոտքի վրա է ու շտապ ձեզի կուզե։

․․․Տարի մըն է չորս մեթրո բան եմ առեր վեց անձ ընտանիքի համար։ Դուն ստացեր ես, ընկե՛ր, կոռնա կառավարիչը հեռվեն։ Ծո՛, թաղեմ գլուխդ՝ չորս մեթրոն վեց անձի առա՞ջը ծածկե, թե՞ ետևը․․․

― Տիկին, կինս կսպասե, ― պոռացի ես, ինքզինքս լսելի լինելու համար։

― Հասկցա՛նք, վա՛հ։ Կինս կսպասե, կինս կսպասե․․․ դարձավ ինձի տիկինը։ Տնաշե՛ն, քիչ մը քաղաքավարություն ունեցիր։ Կտեսնես, նոր եմ վերադարձեր կոոպերատիվեն։ Հինգ ժա՞մ մըն ալ չես ձգեր բարկանամ։

«Հինգ ժամ» լսելուն պես քալեցի ուրիշ մը կանչելու ու շատ չանցած կանգ առի երկրորդ մանկաբարձուհիին դուռը, որ գոհություն աստծո, մեր քաղաքին մեջ սաստիկ շատ են։

Երկրորդ մանկաբրձուհին, կերևար պատուհանեն։ Հայելիին առջև կհուսնվեր ու կաղաղակեր։

― Ասիկա պաշտոնատուն չէ։ Արջ կխախցունեն կոր։ Այսօր գնա՝ վաղը եկուր, վաղը գնա՝ մյուս օրը եկուր։ Ծո՜, անամոթներ, ես համբերեմ, պատն ալ կհամբերե՞։ Վերջապես, ի՞նչ պետք կա մեր գլխուն վրայի պատռված պատը շինելու համար երկու ռուբլիի մարկայով խնդրագիր մը ներկայացնել տեխնիկական բաժինը ու ամիսներով երթալ գալ։ Թույլ տվեք մեր պատը մենք շինենք, անզգամներ․․․

― Տիկին, մանկաբարձուհիի շտապ պետք ունիմ, կհաճեի՞ք գալ, ― ըսի պատուհանեն։

― Չեմ կրնար։ Գավգործկոմեն նոր եկա, ― պատասխանեց կինն այն եղանակով, որ կարծես Գավգործկոմեն նոր եկող մը երեք ամիս պետք չէր գործի երթար․․․

Երրորդ մանկաբարձուհիին դուռը զարկի։ Կինը դուռը բացավ ու, կարծես, ոչ թե ես իրեն պետք ունեի, այլ ինքն՝ ինձի։ Դատարանեն նոր էր վերադարձեր ու մեկը կփնտրեր սրտի մաղձը անոր վրա թափելու։

― Մարդիկ չե՜ն, մարդիկ չե՜ն հոնտեղ նստողները։ Ծո՛, ավազակնե՛ր, փողոցին մեջ սրիկա մը մութ ատեն անպատիվ առաջարկ կընե ինձի, ես ձեզի դիմելով պատիժ կխնդրեմ։ Հոս ի՞նչ գործ ունի սոցիալական դրությունը, կամ սեփական տունը, կամ սպասուհի ունենալը․․․ չեմ հասկանար։ Տուն ունեցող կնկա մը ամեն մարդ կրնա գեշ առաջա՞րկ ընել այս երկրին մեջ, անամոթնե՛ր։ Սպասուհի պահողը իրավունք չունի՞ նամուս ունենալու, ընկնավորնե՛ր։ Աղքատին պաշտպանել կուզեք՝ տարեք հագցուցեք, խմցուցեք։ Աղքատն հարստանալու համար ինձի համբուրե՞ պիտի փողոցեն մեջ․․․ թո՜ւ, ձեր նամուսին, ձեր արդարադատությանը, ձեր սոցիալիզմին․․․

― Տիկի՛ն, դուք մանկաբարձուհի չե՞ք։

― ․․․ Ո՜չ, ո՜չ, ես ոչինչ եմ, ես մարդ չեմ, ես օրենքե դուրս եմ, վասնզի զգեստս կարկատած չէ, տուն ունիմ ու սպասուհի կպահեմ․․․

― Մնաք բարով, շտապ գործ ունիմ․ ― ըսի ու քալեցի ծեծելու չորրորդ մանկաբարձին դուռը։

― Մայրդ տա՞նն է, ― հարցուցի դուռը բացող տղեկին։

― Նոր եկավ, նոտարի մոտ էր գացել տունը վաճառելու։

― Հա՞, ― ըսի ու ճամբաս շարունակեցի։ Պետական նոտարի մոտ գացող մը նախապես շաբաթ մը տեղական տնտեսություն պիտի երթա գա՝ տեղեկանք մը ձեռք բերելու համար «առ այն», որ քաղաքին մեջ այլ կալվածք չունե։ Տեղեկանք ստանալն առանց խնդրագրի չըլլար, խնդրագիրն ալ առանց երկու ռուբլանոց մարկայի չըլլար, մարկան ալ ամեն բանկի մեջ չըլլար ու բանկիրն ալ միշտ հոն ներկա չըլլար։ Բոլոր սպասումներդ ի մի գումարած՝ տասներկու շաբաթ է։ Լա՜վ։ Բայց չէ՞ որ հարկավոր է նաև ապահովագրական վարչության թուղթը՝ երկու օր մըն ալ հոն՝ տասնչորս շաբաթ։ Հետո։ Պետք է երթալ գույքային բաժին և ձեռք բերել «գույքային ակտ» կոչված թուղթը։ Այս «ակտը» պիտի տպե մեքենագրուհին։ Մեքենագրուհին ալ արձակուրդ է գացեր ու իրեն փոխարինող չի ղրկեր աշխատանքի բորսան։ Պետք է սպասել ևս երկու շաբաթ մինչ մեքենագրուհին արձակուրդեն վերադառնա։ Կվերադառնա, բայց մատին վրա վերք է եղեր ու չի կրնա աշխատել։ Եվ այսպես, եթե չորս ամիսեն պետական նոտարին պահանջած փաստաթուղթերը ձեռք բերած իրեն՝ նոտարին երթաս, դե՛, անիկա էլ մարդ է, պետական պաշտոնյա է, հազար ու մի գործ ունի, խոմ չի՞ կրնար մեկ օրվա մեջ գործդ ընդունել։ Առաջին օր 163 ռ․ 50 կոպեկդ կմուծես։ Մյուս օր կուգաս հարցնելու, թե թուղթը պատրա՞ստ է, երրորդ օրը թե՝ ե՞րբ կպատրաստվի, չորրորդ օրը՝ թե պիտի պատրաստվի՞, թե ոչ։ Հինգերորդ օր՝ շնորհքով կռիվ։ Վեցերորդ օր հաշտություն և խոստում մեկ շաբաթեն լմցնելու և այսպես անվերջ։

Ճիշտ վարվեցա չորրորդ մանկաբարձին չսպասելուս համար։ Այսքան քաշքշվող մանկաբարձ մը ինչքան ալ համբերող ըլլա, ես տասներկու ժամ բարկանալու իրավունք կուտամ։

Այսպես, անհաջողութենես հուսահատ կքալեմ փողոցին մեջ ու բարկությունս կնոջս վրա կթափեմ մտովին։

Տնաշենի՛ կնիկ, տունը նստած ամեն տարի տղա մը կծնե․․․ պարապութենեն։

Հորդ ողորմի՜, ճիշտ է կին ես, բայց հիմա կին կամ տղամարդ տարբերություն չունին։ Մեկ դուրս ելի՜ր, Գավգործկոմ թուղթ հանելու գնա՜, մարկա ա՜ռ, բա՜ն։

Ես հավատացած եմ, եթե այսօր կինս կոոպերատիվ մտած ըլլար՝ հիմա զայրույթեն երեխային ծնելն ալ մոռացած կըլլար, մկրտությունն ալ։

․․․Բնական է, եղբա՛յր, ես ալ տունը նստելու ըլլամ՝ կծնեմ։

⁕ Պրեոբրոժենսկի, Ռադեկ ու Սմելգա, որք, հայհոյելով կուսակցությանը, դուրս էին եկեր, Տրոցկուն հարեր, այսօր հայհոյելով Տրոցկուն՝ կուսակցությանը հարեցան․․․

Տետրի վրա թիվ չկա, հավանաբար՝ 1928 թվական

Ուրբաթ 17․ ― Ամեն տեղ պաշտոնեից զտում կերթա։

Զտվող պաշտոնյան բեմ կելլե ու այլևս զտող ամբոխի տրամադրության տակ է։ Անիկա մանրամասն պիտի տա իր կենսագրությունը, որի ժամանակ անպատճառ որևէ թվին պիտի ծնվե հարմար ծնողե մը (խույս տալով քահանայե, հարկավ), իր կրթությունն ստացած ըլլա որևէ դպրոցի մեջ ու սկսած ըլլա քաղաքական գործունեությունը։

Պատահեցա խումբի մը, որ «զտվելու» կերթար․

― Սամսո՛ն, դուն ո՞ր թվին կուզես ծնվել։

― 1888:

― Ի՞նչ տեսակ հորմե, որոշե՞ր ես։

― Մտադիր եմ բանվորե մը ծնվել, նայենք պիտի հաջողի՞մ։

⁕ Բարելամներես մեկը հարցուց ինձի՝ դեմս կտրելով։

― Ո՞ւր ես, բնավ չես երևար, ախպա՛ր։

― Իմ արժեքը բարձրցեր է կոշիկի աստիճանին։ Ինձ միայն տեխկոմի օրդերով կարելի է տեսել, ― պատասխանեցի, անցա։

Շաբաթ 18. ― Մուկի թակարդ եմ առեր, բայց բնավ մուկ չի իյնար։ Պատճառը երկու է՝ նախ, որ համով խայծ մը չունինք մուկերուն պատվելու, երկրորդ՝ արդեն թակարդներու այս սիստեմը շատ է հինցեր ու մոդայե ինկեր։

Թակարդը խորհրդային երկրի պես պիտի շինված ըլլա, որ առանց խայծի իյնան և ընկնողը հավիտյանս դուրս չի գա․․․

⁕ Այսօր տասնհինգ ռուբլի տուգանք տվի տնային գրքույկս նորոգած չըլլալու համար։ Վաղը քսանհինգ ռուբլի պիտի տամ՝ տնային գրքույկը նորոգած ըլլալուս համար։

Այս երկրի էական բայը միայն տալն է, իսկ թե ինչի՞ համար՝ դա լրացուցիչ պարագա է, որը կրնա ըլլալ, կրնա չըլլալ․․․

Կիրակի 19. ― Ամենայն օր լեռնային գյուղերեն հարյուրավոր շուներ կբերե կառավարությունը և սահմանագլուխը կտանե, որ դաշնակներու վրա հաչեն։

Այդ շուները թեև կողմնորոշված չեն տակավին ու հայտնի չէ իրենց օրիենտացիան, սակայն ինձի կթվի, թե այդ անորոշության մեջ անգամ, այդ շուները ավելի լավ կհաչեն դաշնակցության վրա, քան Տիգրան Հախումյանը։

Վասնզի շուները ինչքան ալ ըսեն սկզբունք չունինք՝ չհավատաք։ Անոնք միշտ սկզբունք մը կունենան նեղ օրվա համար։

⁕ Մոտ հարյուր հիսուն հոգի խեղճ ու կրակ գյուղացիք, զինված ուժերե պաշարված, պատուհանիս տակեն չեկա կտարվեին։ Սրտակեղեք տեսարան։

Կուզեի ցավել այդ բռնվածներու վրա, երբ հանկարծ հիշեցի, որ մեր վիճակն ալ ոչնչով չի տարբերեր անոնցմե։ Ցավեմ, վայ թե հանկարծ այդ խեղճերեն մեկը դառնալով ըսե․

― Բնակիչ, Հայաստանի, մի լացք ի վերա մեր, այլ լացեք ի վերա ձեզ և որդոց ձերոց․․․

Երկուշաբթի 20. ― Այսօր լրացավ իմ քառասուներորդ տարին։ Հե՜յ գիտի ժամանակ։ Դպրոց երթալս ես գիտեմ հիմա է։ Երջանիկ ժամանակներ։ Խոնարհվելու ատեն կըսեինք՝ տամ, տաս, տա, տանք, տաք, տան։ Ինչքա՜ն ծեծ, կագ ու կռիվ․․․

Հիմա՞ է, որ ծծկեր երեխայի համար իսկ դյուրացեր է խոնարհելը։

Հիմա՝ տո՛ւր, տո՛ւր, տո՛ըր, տո՛ւր, տո՛ւր․․․

․․․Մենք ալ ըսենք դպրոց ենք գացեր, ներկա սերո՞ւնդն ալ ըսե։

Անցյալին ու ներկային տարբերությունը միայն դպրոցին մեջ էր սակայն, դուրս, կյանքին մեջ առջի ու հիմիկվա մեջ տարբերություն չկա բոլորովին։ Հին ատենները խանութեն ինչ հարցնեիր՝ կա՛, կա՛, կա՛ կըսեր, իսկ հիմա ատոր փոխարեն կոոպերատիվը՝ չկա՛, չկա՛, չկա՛ կըսե։

Փոքրիկ «ոչ» մը ինչ է, որ կարենա ազդել կյանքին վրա․․․

⁕ Այսօր պապիրոսի կեցողներու հերթը 400 մետր էր Փարիզի միջօրեականով։ Ինքս հաշվեցի։

Երեքշաբթի 21. ― Գիշերն երազիս մեռեր էի ու սատանան ինձի դժոխք կառաջնորդեր։ Երկու ժամ քալելով՝ հասանք տեղ մը, ուր սատանան ինձի թողեց ու ինքը հեռացավ։ Տեղը, ուր ես ընկեր էի, երկրի իմ սենյակեն ավելի լույս էր (տարի մըն էր ինչ «լամպոչկա» չունեինք), հատակը քիչ մը կպրե էր թեև և օդը խիտ, բայց բանկոոպի ճաշարանին հետ համեմատած՝ արքայությո՜ւն էր։

Ըսի լավ տեղ է, պառկեմ քիչ մը հոգնությունս առնեմ՝ մինչև սատանան գա ինձ դժոխք տանի։

Կսպասեմ ժամ մը, երկու ժամ, մեկ օր, երկու, վերջապես շաբաթ մը, ոչ մեկ սատանա չի գար։

Ծո՜, դու մի՜ ըսեր, որ դժոխքը այս իսկ տեղն է եղեր․․․

Ուրախութենես արթնացա։ Արթնացա և ի՜նչ, առանց սատանայի առաջնորդության ես իսկական դժոխք էի իջեր․․․

⁕ Քաղաքիս մեջ ծխախոտ ունին միմիայն պատասխանատու կոմունիստները։ Ծխող ժողովուրդը խելահեղ այս ու այն կուսակցականի տան ծխնելույզի կամ դռան ճեղքին է կպեր՝ քիչ մը մուխ առնելու։ Բայց ծխախոտի ներկա կրիզիսին կգտնվի՞ արդյոք մեկը, որ ծուխը օդին մեջ բաց թողու և ամբողջովին ներս չկլանե։

Ո՛չ, չի՛ ըլլա։

Անանկ որ ժողովուրդը պետք է գիտնա իր քիթը ավելի հուսատու անցքերու դիմաց բռնել․․․

Չորեքշաբթի 22. ― Սկսեր է Ազգերու լիգային նստաշրջանը։ Սա Եվրոպայի դիպլոմատները, հետևելով «ուղիղ խոսքը խենթը կամ երեխան միայն կզուրցե» բանաձևին, երբ ճշմարտություն մը ըսելու պետք ունենան՝ անմիջապես Խորհրդային Ռուսաստանեն ներկայացուցիչը մը կհրավիրեն․․․

Կմտածեմ․

Իսկ եթե Ռուսաստանը, օր մը խելքի գա, ուրեմն աշխարհիս երեսին այլևս ճշմարիտ խոսք չպիտի լսվե․․․

⁕ «Մաքսիմ Գորկու» անվան դպրոցեն անցած պահուս ուսուցիչը հետևյալ խնդիրը կուտար աշակերտներուն․

― Երեկ քաղաքիս մեջ ծխախոտ չկար, այսօր երեկվնե երկու անգամ ավելի չկա, քաղաքիս մեջ որչա՞փ ծխախոտ չկա։

Հինգշաբթի 23. ― Ի՞նչ է խելագարը։

Խելագարը «Դամա» խաղին «աղան» է, որ անսաստելով հասարակ քարերու բոլոր օրենքները, կարճ ու զարտուղի ճամբով դեպի նպատակը կերթա։

Այսօր Մաթոս անունով խելագար մը տեսա, որ կեցած միայն կոմունիստներու համար բացված կենսամթերքի խանութին դիմաց, կհայհոյե այս երկրին ազատությունն ալ, հավասարությունն ալ, եղբայրությունն ալ։

Անշուշտ այսքան խոշոր անարդարությունը մեկ մարդու հայհոյանքով չի փոխհատուցվեր, բայց իմ կարծիքով պետք չկա, որ ուրիշ մըն ալ խելագարե՝ կարելի է Մաթոսին ըսածները չակերտներու մեջ առնել ու ազատ գործածել։

⁕ Այսօր քանի մը տուփ ծխախոտ է եկեր կրպակները, ու հերթը այնքան երկար է, որ մինչև առնելու կարգը վերջի կեցողներուն եկավ, անոնք ծխելը․․․ մոռցեր էին արդեն․․․

Ուրբաթ 24. ― Միշտ ու ամեն տեղ միևնույն հետևանքները միևնույն պատճառեն հառաջ կուգան։

Եթե մեր «անկուսակցական» ինտելիգենցիան անմիջապես ծունկի չի գար կոմունիստական կուռքի առաջ և համառեր այնպես, ինչպես Գրիգոր Լուսավորիչը համառեցավ Տրդատին ժամանակ, անկասկած Լուսավորչին նման գլխիվայր պիտի կախվեր, հետույքին ձագար դրվեր և քացախ ընդուներ իր ներսի դին։

Ո՞րն է խելոքությունը, եթե հարցնես․

― Հարկա՜վ, մեր ինտելիգենտներու ըրածը։ Գաղափարը ի՞նչ արժե հիմա, հետույքը պետք է փրկել, հետո՜ւյքը։

⁕ Կինս ջուրի երթալուն, ըսես ճակատամարտի կպատրաստվե։ Միա՜յն Ղևոնդ երեցն է, որ կպակսե՝ զայն հաղորդելու համար։

Շաբաթ 25. ― Ահա քեզի նոր տուրք մը՝ «միանվագ» տուրք։ Ասկե երկու ամիս առաջ անգամ մը հավաքեցին այդ անունով և ըսին, որ տարին անգամ մը պիտի գա, սակայն, փոխեց իր միտքը և երկու ամսեն կրկին այցելեց մեզի այդ տուրքը։

Ես զարմացա՜։ Նոր տուրքը ինչպե՞ս կրնա տարեկան ըլլալ։ Նոր տուրք մը հնարվելեն վերջ՝ մե՛կ, երկո՛ւ, երե՛ք, մեկ ու տասն անգամ գեթ իրար վրա գալու է, որ չմոռցվի։

Ես նոր բառ մը լսելուս, եթե գեթ հինգ անգամ իրար վրա չկրկնեմ, կմոռնամ օրինակ, և առածն ալ կըսե՝ «կրկնությունն է մայր գիտության»։

Համաքաղաքացիներուս կհորդորեմ չհուզվել։ Այդ տուրքը շահադիտականե ավելի ակադեմիկ նշանակություն ունի։

⁕ Երեկ ջրի ծորակի վրա զարկեր էին մեկի ու քիթեն արյունը առվակի պես կվազեր։

― Ա՜խ, Աստվա՛ծ, ― բացականչեց մեկը՝ դատարկ դույլը ձեռքին, ― եթե՜ մեր երակներուն մեջ ջուր լեցուցած ըլլայիր արյունի փոխարեն, այսքան հեղուկ համպետս չէր հոսե գետին։

Բայց Աստված իր գործը գիտե։

Աստված եթե երակներուս մեջ ջրի նման թանկագին հեղուկ հոսեցուներ, այն ատեն եղբայրն անգամ եղբոր մորթեր պիտի՝ քիչ մը ջուր հանելու համար անկե․․․

Կիրակի 26. ― Տուն եկա՝ գյուղից մեր Հովասափն էր եկեր։

― Բարև, Հովասափ, ի՞նչ կա գյուղը։

― Աստծու բարին։ Տուրքից զատ ի՞նչ կրնա ըլլալ, ― պատասխանեց Հովասափը։ ― Երեկ եկեր հավանոց են արձանագրեր՝ աքլորներն ալ հավ հաշվելով։ Եկեր եմ բողոքեմ։ Լսածովս՝ խորհրդային օրենսգրքին մեջ աքլորները ազատ են ածելե։

Օրենք չէ, բայց դու կրնաս ըսել, թե կամ աքլորներուս հնարավորություն տվեք ածելու, կա՛մ ազատեցեք ինձի անոր ձվի հարկեն։

Ինչպե՞ս․․․ կրնան աքլորին ածելու հնարավորություն տա՞լ։

― Ինչո՞ւ չէ։ Այդ առթիվ հազար ու մի միջոցներ կան։ Այդ հարցը կրնա դռնփակ ժողովով անկացվել, դռնբացը չեղավ, դռները կփակե ու բջիջի դռնփակ նիստով կանցունե։ Հարցի լուրջ եղած պարագային՝ հինգ պատասխանատու ընկերներ կղրկե տեղերը։ Այդ ալ չօգնելու պարագային, հարցը 16֊րդ համագումարը կփոխանցե ու Լենինեն ցիտատ մը բերելով՝ հանրապետական մաշտաբով կվճռե։ Իսկ որ անգամ մը 16֊րդ համագումա՜րը վճռե, ալ վերջացավ, ոչ մեկ կենդանի ածելե չի ազատվեր։ Աքլորի ածելը շա՞տ բան է։ Աքլորը հավի արու տեսակն է, իսկ մարդոց մեջ արուն ու էգը վաղո՜ւց են հավասարեր։ Հավերդ ինտոր են, կածե՞ն։

― Կածեն՝ օրը մեկ, երկու օրը մեկ․․․

― Հարվածայնության չե՞ն անցեր։

― Հարվածայնությունը ի՞նչ ըսել է, ― հարցուց Հովսափը, երկրորդ աչքն ալ լայն բանալով՝ բան մը, որ ցույց կուտար իր մաքսիմում զարմանքը։

― Հարվածայնություն, սոցմրցում այսպես կըլլա։ Տերը «հնգամյակը՝ չորս տարումը» կկախե գոմի ճակատին և կանցնե կենդանիներու հետ անհատական պայմանագրեր կնքելու։ Կովերու «ցեխն» առանձին, ավանակներունը՝ առանձին, հավինը՝ առանձին։ Վերջապես «ցեխ» առ «ցեխ»։

― Գոմիս մեջ ցե՜խ չունիմ։ Կավով չի՞ կնքվի․․․ ձմեռը ավելի տաք կպահե։

― Կըլլա, ինչով կնքես՝ կըլլա․․․ Հա, պայմանագիր կնքվեց՝ կենդանիք պետք է իրենց արտադրության «տեմպը» արագացունեն՝ յուրաքանչյուրն ըստ իր մասնագիտության։ Կովն, օրինակ, եթե կես դույլ կաթ կուտա, պիտի մեկ դույլ տա։ Ավանակը իր քայլերը պիտի արագացնե։ Ցուլդ «անընդհատի» պիտի անցնե, ու հավերդ օրեն երկուսը պիտի ածեն․․․

Խոսելուս կնկատեի, որ Հովաթափին քիչ կուգար երկու աչքերը՝ իր զարմանքը հայտնելու և չորս կողմը նայելով՝ ըսես ավելորդ աչք մը կփնտրեր․․․

⁕ Այսօր մեր ջրի ծորակը ինքնավար հայտարարվեցավ ու հաջորդ կիրակի սահմանադիր ժողով պիտի գումարեն բոլոր օգտվողները՝ ջուր տանելու կարգ սահմանելու։

Երկուշաբթի 27. ― «Զտման» համաճարակը բռներ է բոլոր հաստատությունները։

Աստվա՜ծ իմ, փակեցեք գոմի դուռները, կենդանիներն ալ չվարակվեն այդ ցավով։ Կենդանիներու մեջ այդ հիվանդությունը ժանտախտեն ավելի զոհեր կխլե ու գոմերը կամայանան։ Վասնզի, երևակայեցեք, որ այծերու կուսակցությունը «կզտե» ոչխարներուն, և այդ ոչխարը, որ իրենց նման ետևը պոչ, գլխին ոլորուն կոտոշ, կզակին մորուք չունի կամ երգելուս չի մկկար՝ դուրս կվռնդվե գոմեն ու անոթության կդատապարտվե։ Կամ ուխտերը լվերուն քննադատեն ըստ իրենց սապատը ու վիզը չունենալուն համար։ Կամ ագռավները վարդի վրայեն քշեն սոխակներուն՝ իրենց ձայնը չունենալուն պատճառով։

«Զտումը» մարդոց մեջ փա՜ռք է։ Բոլոր այլ կուսակցություններու պատկերները բոլշևիկներու կերպարանքին նման է (դժբախտաբար), կմնա համոզմունքը։ Վա՜յ տնաշե՛ն, հիմա համոզմունքը փոխելեն ավելի դյուրին բա՞ն․․․

⁕ Լսե՛, Աստված։

Մինչև հիմա մարդոց քո կերպարանքով ստեղծեցիր՝ լավ, բայց ասկե վերջ, գեթ բոլշևիկներուն Լենինի կերպարանքով ստեղծե, որպեսզի Լենինի խոսքերը գործածեն առանց չակերտի։

Ես տպարանի սրբագրիչ եմ, և հոգիս ելավ չակերտներ դնելով․․․

Քեզի՛ ալ օգուտ է, Տե՛ր, դո՛ւն ալ անոր կերպարանքն առ։

Լենինի կերպարանքով ավելի դյուրին է անհեթեթություններ քարոզել ու պաշտվել, քան քո պատկերով։

Արդյունաբերությունը առաջ կերթա՝ գործիքները պետք է փոխվին․․․

Երեքշաբթի 28. ― Միլիցիական «կադրեր» պատրաստելու համար, դպրոց մըն է բացվեր մեր տպարանին քովը, ու պատուհանս անոնց դասարանին կնայե։

Երեկ ուսուցիչը այսպես դարձավ ունկնդիրներուն․

― Ով ինձի ըսե, թե մեր օրենքներով, ո՞ր գործողությունը հանցանք է և ենթակա տուգանքի, ես անոր մեկ կտոր լվացքի օճառ կուտամ։

Ասոր ի պատասխան։

― Ով ինձի ըսե, թե ձեր օրենքներով, ո՞ր գործողությունը հանցանք չէ և ենթակա չէ տուգանքի, ես անոր երկու լվացքի օճառ կուտամ, ― ձայնեցի ես, չկրնալով զսպել ինձի։

․․․Բայց խնդրեմ չկարծեք, թե ես օճառ ունիմ։ Ո՜չ։ Այսպես խոսելու համար բնավ օճառ ունենալու չէ․․․

Չորեքշաբթի 29. ― Լրագրական վերջին տեղեկություններով՝ Ֆինլանդիան գրգռիչ դիրք է բռներ Խորհրդային Միությանը հանդեպ և, ըսես, պատերազմի սպառնալիք կկարդա։

Միությունը ատամները կրճտելով կուզե այդ պզտիկ պետության ազդրերը կսմթել կամաց մը, բայց Անտանտեն կվախնա։

Գաղտնի կսմթելը դիվանագիտության մեջ վտանգավոր է առհասարակ։

Գիշեր ատեն, ենթադրենք, ձեռքդ կմեկնես՝ ամենապզտիկ պետության մը կսմթելու, մեկ ալ տեսար, անդիեն Անգլիան կամ Ֆրանսան «վա՜յ, ոտքս» պոռաց։

Այդ պատճառով, Խորհրդային Միությունն ալ պարկի բերանը բացած, իր սովորական «խաղաղասիրությունը» կծախե։

⁕ ․․․Այսօր «Խորհրդային Հայաստան» թերթին մեջ նկարված էին աթոռի վրա հանգիստ նստած խումբ մը մարդիկ, տակը գրված՝ «Ղարտուղալիի հարվածայինները, որք սոցմրցման պայմանագիր են կնքած»։

Հանկարծ գյուղացի բարեկամիս՝ Հովասափին հիշեցի։

Չըլլա՞ հանկարծ, իր կովերու և ավանակներու պատկերները քաշել տա թերթին մեջ․․․

Հինգշաբթի 30. ― Իրիկուն տուն մտնելուս կինս սաստիկ իրարանցումով ու անասելի հուզմունքով մը պատմեց, թե այդ օր մեր պզտիկ աղջիկը լալուն ցեխոտվեր է, գլորվելով առուն, և հազիվ ազատվեր խեղդվելե։

― Նոր վերարկուն, նոր լվացի, արդուկեցի, հագցուցի՝ ու հանկարծ ի՜նչ, վերեն վար ապականություն․․․ Դե եկուր, դե մի եկուր ու դիմացիր սա․․․ սա․․․ աղջկա ըրածին։

Բայց ես մինչև վերջը չկրցի հասկանալ, թե կողակցիս սարսափը խեղդվելու վտանգի՞ն կվերաբերեր, թե վերարկուին աղտոտելուն։ Ուստի փորձելու համար ըսի․

― Վա՜յ, անպիտան աղջիկ, խեղդվելը հոգ չէ, գեթ վերարկուն մաքուր մնար․․․

― Ցավս ալ ատ չէ՞, ― վրա բերավ կինս՝ չկրնալով ինքզինքը պահել։ ― Եթե առանց վերարկուն թրջելու խեղդվեր, ո՞վ կմտածեր․․․

Կինս այսքան խստասիրտ չէ, ան շատ քնքուշ հոգի ունի, սակայն, սա ջուրի սովը, որն անհնար է դարձուցեր լվացքը, խստացուցեր է իր սիրտը։

Ջուրի չգոյութենեն կզգուշանանք աղի կերակուրներե, ու առաջ, որ կհանդիմանեինք կաթնավաճառները՝ կաթին մեջ ջուր խառնելուն համար, հիմա կաղաչենք, որ քանի մը կաթիլ ջուր խառնեն․․․

Ուրբաթ 31. ― Կերթամ փողոցով ու կմտմտամ ինքս ինձ։ Ի՞նչ կըլլար վիճակս, եթե կոմունիստ ըլլայի հանկարծ ու կոմիսար կամ որևէ այլ հաստատության պատասխանատու վարիչ նշանակվեի։

Բանն այն է, որ ես օթոմոբիլ նստել չեմ կրնար, իսկ նման պարագային շարունակ պիտի օթոմոբիլի մեջ պտտեի։

Կոմունիստներ կան, որ պետքարան երթալու համար օթոմոբիլ կկանչեն։

Սարգիս Խանոյանն, օրինակ, մեկ սենյակեն մյուսը կառքով կանցնե։ Եթե իմանա, թե մահվան պարագային ոտքով պիտի երթա անդիի աշխարհը՝ անկարելի է, որ մեռնե։

Եվ իրավունք ունի։ Ինչո՞ւ Յեղիա Մարգարեն կառքով բարձրացավ։

⁕ Այսօր միլիցիան եկավ ու բռնագրավեց բոլոր հինցած դույլերը ջրվորներու ձեռքեն․․․

Վերեն կհրահանգեն աղքատ, կեղտոտ, անոթի ըլլալ՝ վարեն բռնի հարստանալ կստիպեն ու հին դույլերը կհավաքեն։

Ո՞ւր է մեր ելքը։

Շաբաթ 1. ― Չեկան, երբ բոլոր «գերագույն» պատժի արժանիներուն կգնդակահարե անխտիր կերպով, սաստիկ կսխալի իր հաշվին մեջ։

Յուրաքանչյուր մարդ իրեն հատուկ «գերագույն պատիժն» ունի։ Մեկի մը համար իր երեխաներու կորուստը կրնա «գերագույն պատիժ» համարվե, ուրիշի մը՝ իր սիրեկանեն բաժնվելը, երրորդի մը՝ անզգամ կին ունենալը։

Չեկան, ճաշարանի մենյուին նման, պատիժներու ցուցակը հանցապարտին առաջ դնելու և ըսելու է․

― Ընկե՛ր, ընտրե՛ ցուցակեն քո «գերագույնը»։

― Ինձ համար «գերագույն պատիժը» սա ռեժիմին մեջ ապրելն է՝ որուն դատապարտված եմ, սակայն, առանց հանցանք մը գործելու․․․

⁕ Այսօր կին մը, հղի ըլլալուն պատճառով, հերթեն դուրս ջուր տարավ։ Չեմ գիտեր, օրինական բան էր ասիկա, թե ոչ, բայց կըսեմ ձեզի, եթե վաղը կառավարությունը օրենքով մը սրբագործե այս դիպվածը և յուրաքանչյուր հղին արտոնված ըլլա ազատ ջուր տանելու՝ մեկ օրվա մեջ կհղիանա ողջ ազգաբնակչությունը։

Կիրակի 2. ― Ամերիկյան նամակ մը առի, որտեղ շատ գեշ էր պատմված հոնտեղի կյանքի մասին։ Անգործություն, աղքատություն ու սով։ Տասը միլիոն բանվորներ անգործ կթափառեն։

Ի՞նչ հասկցանք։ Սոցիալիզմի երկրին մեջ սով, կապիտալիստական երկրին մեջ սով։

Աշխարհի ամենատխմար ժողովուրդը՝ թշվառ, աշխարհի ամենագիտուն ժողովուրդը՝ թշվառ։

Ասիկա չի՞ նշանակեր արդյոք, որ շատ խելոքությունը շատ հիմարության չափ վնասակար է։

⁕ Կոմիսար չեմ կրնար ըլլալ ոչ միայն անոր համար, որ օթոմոբիլ չեմ կրնար նստել, այլ նաև անոր համար, որ չեմ կրնար խաբել ու ամիսներով խնդրարկուներուն տանել֊բերել․․․

Երկուշաբթի 3. ― Ես անամոթություն ու անպատկառություն պիտի սորվեմ այսուհետև, ուրիշ ճար չկա, ― պոռաց կինս, ջուրի դատարկ դույլերը ձեռքին, ծորակեն վերադառնալով։ ― Ամաչկոտը, համբերողը ու կարգապահը ահա այսպես անջուր կմնա այս երկրին մեջ։

― Անամոթությո՞ւն։ Ատանկ կուրսեր կա՞ն Հայաստանին մեջ։ Կեցիր նայիմ, հարցնենք, եթե կա, գնա սովրիր, գիտութենեն վնաս մը չի գար, ― պատասխանեցի ու դուրս գալով իրոք հարցուցի։

― Վա՜յ, տնաշեն, ― պատասխանեց ինձի վարժետ մը։ ― Ծովափին ավա՞զ կփնտրես։ Որ դպրոցը բաց տեսնես՝ մտիր։ Հինգ տարեկան պոռնիկի վկայականով կավարտես ընթացքը․․․

⁕ Վերջին փոխանակված նոտաներով՝ Ռուսաստանը Ֆինլանդիո ըսավ՝ իմ ներքին գործերուս մի՛ խառնվիր։ Ֆինլանդիա պատասխանեց՝ թե կխառնվեմ, ու յուրաքանչյուրը տուն մտավ՝ հրացան վերցնելու։

Ո՞ւր է պայթյունը, չի լսվեր․․․

Երեքշաբթի 4. ― Զբոսարանին մեջ նստած, ականատես եղա երեք երիտասարդներու, որք նստած նստարանի մը վրա, աշխարհը կբաժանեին իրար մեջ։

― Ծո՛, ― կըսեր մեկը, ― սա աղջիկները զարմանալի արարածներ են։ Մինչև չերդունես, որ աշխարհիս մեջ քեզի՜ միայն կսիրեմ՝ անձնատուր չեն ըլլա։

― Այո՛, ― շարունակեց մյուսը, ― եթե հինգ աղջիկ կսիրես՝ ստիպված ես հինգ անգամ ստել․․․

― Իսկ ատելը որքա՜ն գեշ է, ― լրացուց երրորդը։

― Օ՜ֆ, սա աստվածն ալ չի գիտեր՝ ինչ կընե։ Ընդամենը մեկ աշխարհով այսքան աղջիկ կսիրվի՞։

― Քեզի քանի՞ աշխարհ է պետք, Սմբա՛տ։

― Եթե Արաքսին ալ հաշվեմ՝ յոթը հարկավոր է։

― Ինձի տասնվեցը չի բավեր։

― Քեզի՞, ― դարձավ առաջինը երրորդին։

― Ինձի՞։ Կեցիր, հաշվեմ, ըսեմ, ― ու գրպանեն հանեց ցուցակ մը։ Ատիկա կուսակցական դպրոցի երկսեռ աշակերտներու անվանացուցակն էր՝ որոցմե պետք էր ջոկել միայն պետքական սեռը։

Բայց չկրցավ ջոկել ու մեջը մնաց։

Շատ պարզ է, այսքան բարդ հաշիվ առանց «չոթքի» կըլլա՞․․․

Իրոք որ շատ խստապահանջ են աղջիկները։ Եթե իրենց նորման իջեցունեին գեթ հինգ անգամ, և աշխարհի հինգ ցամաքամասերու թվին համեմատ թույլ տային, որ տղան իրենց մեկ հինգերորդ մասով սիրեր, դարձյալ խղճով բան կըլլար։ Թե չէ, Անգլիան, օրինակ, որ աշխարհի կես մասն է տիրեր, տակավին իրավունք չունի այսօր ամբողջ աղջիկ մը սիրել․․․

Չորեքշաբթի 5. ― Թիֆլիսին մեջ երեք ազգությանց մամուլի աշխատակիցներու համագումարին մեջ պարզվեցավ, ի միջի այլոց, որ յուրաքանչյուր ազգի մամուլ հավասար չափով չի հայհոյեր իր արտասահմանի հակառակորդ կուսակցությունը։

Ըստ թվական տվյալներու՝ Վրաստանը հնգամյակի երրորդ վճռական տարվա առաջին կվարտալին ընդամենը ութ անգամ է հայհոյեր վրաց մենշևիկներին։ Մինչդեռ այդ նույն ժամանակաշրջանին Ադրջեջանը իր մուսավաթին՝ 83,6 անգամ, իսկ Հայաստանը 132,3 անգամ՝ իր դաշնակներին՝ կատարելով արտադրական պլանը 132 տոկոսով։

Տեմպերի մեջ միօրինակություն ստեղծելու նպատակով, ընտրվեցավ երեք ազգություններե ընտրված հանձնաժողով մը, որ Թիֆլիսին մեջ պիտի մշակե հայհոյանքներու պլան, երեքի համար միատեսակ ձևով, միայն թշնամի կուսակցության տեղը բաց ձգելով, որ հայկական մամուլը «դաշնակցություն» դնե, վրացականը՝ «մենշևիկ», իսկ Ադրբեջանը՝ «մուսավաթ»։

Շատ խելացի որոշում։

Պլանաչափ հայհոյելը թշնամի կուսակցությանց ալ ձեռնտու է։

Բանավեճը, ստանդարտ ձև ընդունելով, արտադրանքը կխոշորնա․․․

⁕ Երեկ բանկոոպի ճաշարանի կերակուրներու մեջ միս էր հայտնաբերված գաղտնի։ Ահագին աղմուկ֊աղաղակ, և ճաշարանի վարիչին դատարան քաշ տվին՝ իբրև պարտադիր կանոն խախտողի։

Բայց վարիչն արդարացած ետ եկավ։ Մարդը կրցեր էր զորավոր փաստերով ապացուցել, որ կերակրի միսը ոչ թե կովի կամ ոչխարի արգելյալ միս է եղեր ու եփված իր կարգադրությամբ, այլ պարզապես մուկ է եղեր ու ինքզինքը կերակուրի պղինձը նետվելով՝ եփվեր է առանց պատշաճ թույլտվության։

Անպիտա՛ն մուկ, քիչ մնար վարիչին դատապարտել տար․․․

Հինգշաբթի 6. ― Հացի հերթին երիտասարդի մը հանդիպեցա, որուն հայրը ի ծնե կույր է եղեր։ Զարմանք բան։ Կըսեմ, ա՜յ մարդ ո՞որու աչքով է տեսեր հայրդ, որ հավներ է մորդ ու առեր։

― Մտերիմներ շատ է ունեցեր հայրս՝ անանկ մարդիկ, որ ոչ միայն հավնել, այլև պատրաստ են եղեր անգամ ամուսնանալ․․․ հորս համար։

Եթե ուրիշներու համար ամուսնանալը ընդհանրանա, այդ սովորությունը խոշոր դյուրություններ կընծայե այն անդամալույծներուն, որոնց մարմինը կեսեն վար անզգա է։

Քաղաքական կուսակցության մեջ մտած է արդեն ուրիշի համար կարծելը։

Լենինն, օրինակ, տասը տարի առաջ բոլշևիկյան կուսակցության համար ինչ հարկավոր էր, մեկ անգամեն կարծեց՝ մեռավ։ Այսօր իր հետևորդներն այլևս կարծիք ու դատելիք մը չունենալով, կրնան «էվակուացիայի» ենթարկել իրենց մարմնի վերին կեսը՝ ուժ տալով երկրորդ կեսին․․․

Ուրբաթ 7. ― Մինչև այսօր պատմության մեջ իբրև ամենաաղաղակող անարդարություն հայտնի է «դիշ քիրասի» կոչված տուրքը, որ «ատամնավարձ» ըսել է։

Ի՞նչ է «դիրք քիրասի»

Տաճկաստանին մեջ, քյուրդերը, երբ հայի մը տուն կերուխումի կերթային, ճաշեն վերջ կպահանջեին, որ հյուրըկալը վճարի նաև իր ատամենրու և այն էներգիայի վարձը, որ կորսուցած էր ծամելու ատեն քյուրդը։

Կտեսնե՞ք, ինչքան զիջողություն։ Քյուրդը չի պահանջեր կերածը մարսելու վարձք, այլ միայն ու միայն ծամելու։

Մինչդեռ հիմա մեր կառավարությունը հինգ հարյուր ռուբլի եկամուտ բերող այգիի մը վրա հայրուր ռուբլի տուրք կդնե, և այգիեն հրաժարվող, պետությանը նվիրել ուզող այգետերեն կպահանջե նաև, որ իր գրպանեն վճարելով նաև նոտարին ծախսերը՝ դափուն իր վրա դարձունե, և ինքն ալ մնա այգու մեջ աշխատե ու ծառերին հասույթը ամբողջովին հանձնե պետությանը։

Այսպես ուրեմն, անարդարությունը քարացած երևույթ չէ և էվոլյուցիայի ենթակա, մնացյալ բոլոր երևույթներու օրինակով։

Համեմատաբար ասիկա ալ խճով օրենք է։ Կրնա ըլլալ, որ օր մըն ալ կառավարությունը առանց մեկի մը այգի հանձնելու՝ պահանջե պտուղ իր կոնսերվի գործարանին համար։

Անպատճառ պտուղի համար այգի՞ ըլլալու է։ Հապա անհատական նախաձեռնությունը դադրեցա՞վ, կնշանակե, պետք գալեն․․․

⁕ ․․․Ի՜նչ խորամանկն է սա մեր բանկոոպի «կասսիրշան»։ Դիտմամբ ճաղերը վերցուցեր է, որ հաճախորդները իրեն սղմվին․․․

Բայց սատանան մտնե տունս, եթե ես հինգ մեթրոյեն ավելի մոտիկնամ իրեն․․․ այնքան տգեղ է․․․

Շաբաթ 8. ― Որ օրաթերթը վերցնես՝ «Բամբակի քաղհան» է այսօր։ Երկաթուղու կայարանին մեջ «բամբակի քաղհանի կերթան» ըսողները, առանց հերթի տոմսակ կառնեն։ Այդ պատճառով ալ չեղավ ճամբորդ մը, որ «բամբակի քաղհանի» չերթար։

Երիտասարդ մը միայն, ուզելով շեղել ձանձրալի շաբլոնեն՝ «բուրդի քաղհանի կերթամ» ըսելով՝ ամենեն առաջը կեցավ։

― Բուրդի քաղհա՞ն․․․ ― դարձավ տոմսավաճառը երիտասարդին տարակուսած ու հարցուց․

― Որտե՞ղ կուսանես։

― Ես, Հայ․ պետհամալսարանն եմ ավարտած, ընկե՛ր։

― Ա՜, ― վրա բերավ տոմսավաճառը միամտված։ ― Ճիշտ է, այդ համալսարանն ավարտողը բոլոր իրավունքն ունի բուրդը քաղհանելու։ Համեցե՛ք, ընկե՛ր, ― ըսավ մարդն ու տոմսակը կնքելով՝ իրեն պարզեց։

⁕ Բծավոր տիֆը, տեսնելով, որ Չեկան բանտերը սաստիկ լեցուցեր է ու մենակ չի կրնար կոտորել, բուքսիրի իրավունքով օգնության է հասեր։

Բոլոր բանտարկյալները երկու հավասար մասի է բաժանված հիմա։ Անմեղներուն Չեկան կսպանե՝ մեղվորներուն՝ տիֆը․․․

Կիրակի 9. ― Մեր մեջ, ով սխալմամբ ոտանավոր մը գրե, գրողներու ցանկը կանցնե, և քսանհինգ տարիեն իր հոբելյանը կկատարվե։