Մեծ տան փոքրիկ տիրուհին

Գրապահարան-ից
15:51, 8 Հուլիսի 2017 տարբերակ, LevonDa (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ջեկ Լոնդոն

The Little Lady of the Big House

Կարեն Ա. Սիմոնյանի թարգմանությամբ

«Մեծ տան փոքրիկ տիրուհին» վեպը առաջին անգամ տպագրվել է «Կոսմոպոլիտըն մեգեզին» հանդեսում 1915 թվականի ապրիլից 1916 թվականի հունվար ամիսը։ 1916 թվականին լույս է տեսել առանձին հրատարակությամբ (Մաքմիլլան հրատ., Նյու֊Յորք)։

Գլուխ I

Նա արթնացավ, երբ լույսը դեռ չէր բացվել, արթնացավ անմիջապես, թեթևորեն, չկատարելով և ոչ մի շարժում. պարզապես բացեց աչքերն ու տեսավ, որ դեռ մութ է։ Նա կարիք չուներ, ինչպես շատերը, սկզբում շոշափել շուրջը, ականջ դնել, ներծծել արտաքին աշխարհը, նա անմիջապես գտավ իր «ես»-ը տարածության ու ժամանակի որոշակի պայմաններում և առանց ջանքերի շարունակեց քնով ընդհատված իր կյանքի վիպերգությունը։ Անմիջապես իր մեջ ճանաչեց Դիկ Ֆորրեսթին, վիթխարի կալվածքը տնօրինողին, որը մի քանի ժամ առաջ, արդեն կիսանիրհի մեջ, գրքի էջերի արանքում դրեց լուցկու հատիկը, մարեց սեղանի լամպն ու քնեց։

Շատ մոտիկ մի տեղ հյութեղ քչքչում, կարկաչում էր շատրվանը։ Հեռուներից այնպիսի թույլ ու աղոտ ձայն էր լսվում, որը կարող էր որսալ շատ զգայուն ականջը միայն։ Սակայն Դիկ Ֆորրեսթը լսեց այդ ձայնն ու ժպտաց. նա անմիջապես ճանաչեց Արքա Պոլոյի՝ Սաքրամենթոյի կալիֆորնիական ցուցահանդեսներում երեք անգամ մրցանակի արժանացած շորթհորն ցեղի իր լավագույն ցուլի խուլ ու խռպոտ մռնչյունը։ Ժպիտը երկար ժամանակ չէր լքում Դիկ Ֆորրեսթի դեմքը. նա պատկերացնում էր այն նորանոր հաղթանակները, որ նախապատրաստում էր Արքա Պոլոյի համար։ Այս տարի որոշել էր ցլին Արևելք ուղարկել։ Նա կապացուցի, որ Կալիֆորնիայում ծնված ու մեծացած ցուլը միանգամայն կարող է մրցել Այհովա նահանգի լավագույն, եգիպտացորենով կերակրված ցլերի և նույնիսկ անդրծովյան, իրենց իսկական հայրենիքից բերված շորթհորնների հետ։

Ժպիտը մարեց. Ֆորրեսթը մթության մեջ ձգվեց դեպի գլխավերևը գտնվող կոճակների շարքն ու սեղմեց առաջինը։ Կոճակները դասավորված էին երեք շարքով։ Առաստաղին ամրացված խոշոր թասի պատերից հորդող թաքնված լույսը ողողեց երեք կողմից պղնձե նուրբ ցանցով պատած ննջարան-պատշգամբը։ Չորրորդ կողմը տան ապակեպատ, բարձր դռներով բետոնե որմն էր։

Նա սեղմեց նույն շարքի երկրորդ կոճակը, և պայծառ լույսը լուսավորեց պատի այն մասը, որտեղ կախված էին ժամացույցը, ծանրաչափն ու երկու ջերմաչափ՝ ըստ Ֆարենհայթի և ըստ Ցելսիուսի։ Մի հայացքով նա անմիջապես կարդաց ցուցմունքները. ժամը՝ 4:30, մթնոլորտային ճնշումը՝ 29.80, որը բնականոն էր ծովի մակերևույթից տվյալ բարձրության և տարվա տվյալ եղանակի համար, ջերմությունը՝ 36° ըստ Ֆարենհայթի։ Մատի մեկ այլ շարժումով նա դարձյալ խավարի մեջ ընկղմեց ժամացույցն ու ջերմաչափերը։

Երրորդ կոճակը սեղմելիս՝ վառվեց նրա աշխատանքային լամպը, որն այնպես էր հարմարեցված, որպեսզի լույսն ընկնի վերևից ու հետևից, աչքերը չկուրացնելու համար։

Առաջին կոճակը հանգցրեց առաստաղին ամրացված անտեսանելի ջահը։ Ֆորրեսթը կողքի սեղանից վերցրեց շարվածքի կույտը, մի սիգարեթ վառեց ու մատիտով զինված՝ սկսեց սրբագրել։

Ննջարանի ողջ կահավորանքը խոսում էր այն մասին, որ այստեղ ապրում է աշխատանքի սովոր մի մարդ։ Այստեղ գտնվող յուրաքանչյուր իրը ուներ որոշակի նպատակ, միաժամանակ ամեն ինչի վրա նկատելի էր բնավ էլ ոչ սպարտական հարմարավետության կնիքը։ Էմալապատ մոխրագույն մահճակալը ներդաշնակում էր մոխրագույն պատին։ Մահճակալի ոտքերի մոտ տաք փլեդի փոխարեն ընկած էր գայլամաշկից կարված պոչավոր խալաթը։ Գիշերային ոտնամանները դրված էին վայրի այծի մորթուց խավոտ գորգի վրա։

Փոքրիկ սեղանին կանոնավոր դարսված էին գրքեր, հանդեսներ, նոթատետրեր և դեռ տեղ էր մնում լուցկու, սիգարեթի, մոխրամանի ու թերմոսի համար։ Պատին ամրացված շարժական հենարանին դրված էր դիկտոֆոնը։ Պատի վրայից, ծանրաչափի ու ջերմաչափերի տակ կախված փայտե կլոր շրջանակից, նայում էր կանացի սիրունիկ, ծիծաղող մի դեմք։ Եվ այդ նույն պատին, էլեկտրականության կոճակների շարքերի և բաշխիչ վահանակի միջև կախված էր բաց մի պատյան, որտեղից դուրս էր ցցվել ավտոմատ Կոլտ-44-ի բռնակը։

Ճիշտ Ժամը վեցին, երթ վաղորդյան մոխրագույն լույսը սկսեց թափանցել մետաղյա ցանցից ներս, Դիկ Ֆորրեսթը առանց հայացքը կտրելու շարվածքի էջից, պարզեց ձեռքն ու սեղմեց երկրորդ շարքի կոճակներից մեկը։ Հինգ րոպե անց պատշգամբում անշշուկ հայտնվեց փափուկ հողաթափեր հագած չինացին։ Նրա ձեռքին պղնձե փայլեցրած սկուտեղ կար, որի վրա դրված էին պնակով բաժակ, արծաթյա փոքրիկ սրճաման և նույնպիսի կաթնաման։

— Բարի լույս, Օ֊Տուր,— ողջունեց նրան Դիկ Ֆորրեսթը, ժպտալով ոչ միայն շուրթերով, այլև աչքերով։

— Բարի լույս, շեֆ,— պատասխանեց Օ֊Տուրը. նա սեղանի վրա տեղ ազատեց սկուտեղի համար և բաժակի մեջ լցրեց սուրճն ու սերուցքը։

Տեսնել ով, որ շեֆն արդեն մի ձեռքով շուրթերին է մոտեցնում բաժակը, իսկ մյուսով շարունակում է ուղղումներ կատարել շարվածքի վրա, Օ-Տուրը հատակից վերցրեց ժանեկազարդ գիշերային թասակն ու հեռացավ։ Նա դուրս եկավ անաղմուկ և ստվերի պես անհետացավ ապակեպատ բաց դռնից այն կողմ։

Ճիշտ Ժամը վեցն անց երեսունին նա վերադարձավ ավելի մեծ սկուտեղով։ Դիկ Ֆորրեսթը մի կողմ դրեց շարվածքը, վերցրեց «Գորտերի արհեստական բուծումը» վերնագրով գիրքը և պատրաստվեց նախաճաշի։ Նախաճաշը սովորական էր, բայց հագեցնող, դարձյայ սուրճ, կես գրեյփֆրութ, մի կտոր կարագով գավաթի մեջ խփած երկու հատ տաք-տաք թերխաշ հավկիթ և չափավոր տապակած բեքոնի մի կտոր. նա գիտեր, որ դա իր սեփական խոզի միսն է, ընդ օրում՝ տանը ապխտած միսը։

Մինչ այդ արևի ճառագայթները արդեն ներս հորդեցին ցանցի միջով և ողողեցին մահճակալը։ Ցանցի վրա դրսի կողմից նստել էին գարնանային մի քանի նորածին ճանճեր, որոնք շշմել էին գիշերային ցրտից։ Նախաճաշելու ընթացքում Ֆորրեսթը հետևում էր, թե ինչպես են գիշատիչ դեղնավուն իշամեղուները փորձում որսալ այդ ճանճերին։ Առավել դիմացկուն և ցրտի նկատմամբ նվազ զգայուն, քան սովորական մեղուները, նրանք թռչում էին ցանցի դիմաց ու հարձակվում շշմած ճանճերի վրա։ Դեղին կամզոլներով այդ օդահենները կատաղի բզզում էին և, գործելով գրեթե առանց վրիպելու, որսում էին իրենց զոհին ու թռչում հեռու։ Վերջին ճանճն անհետացավ ավելի շուտ, քան Ֆորրեսթը կխմեր սուրճի վերջին կումը և, գորտերի մասին գրքի էջերի միջև լուցկու հատիկ դնելով, դարձյալ կսկսեր սրբագրական աշխատանքը։

Մի առ ժամանակ անց նա լսեց արտույտի՝ լուսաբացի այն առաջին երգչի թափանցիկ և նուրբ դայլայլը։ Ֆորրեսթն ընդհատեց աշխատանքն ու նայեց ժամացույցին, ժամը յոթն էր։ Նա մի կողմ դրեց շարվածքը, վերցրեց հեռախոսն ու սովորական շարժումով սեղմելով բաշխիչ վահանակի կոճակները, սկսեց զրույցը մի շարք մարդկանց հետ։

— Ալլո՛, Օ-Երգ,— դիմեց նա առաջին խոսակցին։— Ի՞նչ է, միստր Թեյերն արդեն ոտքի վրա՞ է։ Լա՛վ։ Մի՛ արթնացրեք։ Հազիվ թե նա անկողնում նախաճաշի, բայց դուք, այնուամենայնիվ, մի բան արեք... Լավ, ցույց տվեք նրան, թե ինչպես պետք է բացել տաք ջուրը... Գուցե նա չգիտե... Այո՛, այո՛... Եվ հնարավորին չափ շուտափույթ մի սպասավոր էլ գտեք։ Հենց որ գարունը բացվում է, հյուրերն սկսում են ժամանել... Իհարկե։ Մի խոսքով, ձեր հայեցողությամբ։ Ցտեսություն։

— Միստր Հենլի՞... Այո՛,— սկսեց նա իր երկրորդ զրույցը,— ես մտածեցի Բյուքեյի ամբարտակի մասին։ Ավազ ու քար բերելու ծախսի հաշվարկն է ինձ հարկավոր... Այո՜, իհարկե... Կարծում եմ, որ ավազի յարդը մոտ վեց կամ տասը սենթ թանկ կնստի խճից։ Տեղափոխման գործին սարսափելի խանգարում է բլուրի այդ վերջին զառիթափը... Հաշվարկը կազմեցեք... Ո՛չ, երկու շաբաթից ավելի շուտ մենք սկսել չենք կարող։ Այո՛, այո՛... եթե նոր տրակտորները ժամանակին տեղ հասնեն, ձիերը կազատվեն հերկելուց։ Բայց չմոռանաք, որ տրակտորները ստիպված ենք լինելու դեռ ստուգման էլ տալ... Ո՛չ, այդ մասին դուք խոսելու եք միստր Էվերենի հետ։ Ցտեսությո՛ւն։

Երրորդ զրույցն այսպես սկսվեց.

— Միստր Դոսո՞ն... Հա՛֊հա՛... Իմ պատշգամբում հիմա երեսունվեց աստիճան է։ Ցածրավայրերում հավանաբար ամեն ինչ ճերմակել է եղյամից։ Բայց երևի վերջին ցրտերն են... Այո՛, երդվում էին, որ տրակտորները տեղ հասած կլինեն դեռ երկու օր առաջ... Զանգահարեցեք երկաթուղային գործակալին... Ի դեպ իմ փոխարեն խոսեցեք միստր Հենլիի հետ. ես մոռացա ասել, որ ճանճորսների երկրորդ շարքի հետ գործի մեջ դնի նաև առնետի թակարդները։ Այո, հենց հիմա։ Այսօր մի քսան ճանճ արևկող էին արել ցանցիս վրա... Իհարկե։ Առայժմ։

Խոսակցություններն ավարտելով՝ Ֆորրեսթն արագ ոտքի ելավ, հագավ հողաթափերն ու հենց գիշերանոցով էլ տուն մտավ բաց դռնով, որպեսզի լոգանք ընդունի, որը նրա համար արդեն նախապատրաստել էր չինացի Օ֊Տուրը։ Գրեթե տասը րոպե անց լողացած ու սափրված Ֆորրեսթը դարձյալ պառկած էր անկողնում, խորասուզված գորտերի մասին պատմող գրքի մեջ, իսկ ճշտապահ Օ֊Տուրը, որն ամեն բան կատարում էր ժամանակին, շփում էր նրա ոտքերը։

Դիկը ուժեղ, գեղեցիկ ոտքեր ուներ, ինքն էլ բարեկազմ էր ու սլացիկ, հասակը՝ հինգ ֆուտ տասը դյույմ, քաշը՝ հարյուր ութսուն ֆունտ։ Այդ ոտքերը ահագին բան կարող էին պատմել իրենց տիրոջ մասին, ձախ ազդրի վրա ձգված էր մոտ տասը դյույմ երկարությամբ մի սպի, իսկ ձկնամկանից մինչև կրունկը նույնպես մի քանի սպիներ էին ձգվում մետաղադրամի մեծության։ Երբ Օ֊Տուրը փոքր-ինչ ուժով էր տրորում ձախ ծունկը, Ֆորրեսթը ակամա կնճռոտվում էր։ Աջ սրունքի վրա ևս ընդգծվում էին մի քանի փոքրիկ սպիներ, իսկ ծնկի տակ եղած սպին այնքան խորն էր, որ հասնում էր գրեթե ոսկորին։ Ազդրի վրա երևում էր երեք դյույմանոց մի հնացած վերքի երբեմնի կարերի խայտաճամուկ կետերով հետքը։

Հանկարծ դրսից լսվեց ուրախ մի վրնջոց։ Ֆորրեսթն շտապով լուցկու հատիկը դրեց գորտերի մասին գրքի էջերի արանքում, շրջվեց կողքի և նայեց այն կողմը, որտեղից լսվեց վրնջոցը, իսկ այդ ընթացքում Օ֊Տուրը տիրոջը հագցրեց գուլպաներն ու կոշիկները։ Ցածում, ճանապարհի վրա, վաղ բացված յասամանի մանուշակագույն թփերի մեջ հայտնվեց խոշոր հովատակին հեծած վայելչատես մի քավբոյ. լուսաբացի ոսկյա ճառագայթների ներքո հովատակը թվում էր կարմրա֊դարչնագույն, նա քայլում էր՝ շաղ տալով ճեպ-ճերմակ փրփուրի քուլաները, հպարտորեն ցնցելով բաշը, փայլուն աչքերով շուրջը նայելով, և կանաչող հարթավայրով մեկ տարածվեց նրա սիրո կանչի զիլ ձայնը։

Այդ նույն պահին Դիկ Ֆորրեսթին պարուրեց բերկրանք ու տագնապ, բերկրանք՝ այդ հիասքանչ կենդանու տեսքից, որը դուրս էր գալիս յասամանի թփերի հետևից, և տագնապ՝ չլինի՞ թե հովատակի վրնջոցն արթնացնի այն երիտասարդ կնոջը, որի սիրունիկ, ծիծաղկուն դեմքը իրեն էր նայում պատին կախած փայտե շրջանակից։ Նա մի թռուցիկ հայացք նետեց երկու հարյուր ֆուտ լայնություն ունեցող բակի մյուս ծայրին, տան՝ դեռևս ստվերի տակ գտնվող այն թևին, որը փոքր֊ինչ առաջ էր եկած։ Կնոջ պատշգամբ-ննջարանի վարագույրները դեռ իջեցված էին և չէին շարժվում։ Մտրուկը դարձյալ վրնջաց, բայց վախեցրեց միայն վայրի դեղձանիկների երամին, թռչունները պոկվեցին բակում աճած ծաղկազարդ թփուտներից, ասես դեպի վեր խոյացավ ոսկեկանաչավուն ջրացայտերի մի խուրձ, որը նետել էր ծագող արևը։

Հետևելով հովատակին՝ Դիկ Ֆորրեսթը պատկերացրեց առանց արատի գեղեցիկ և ուժեղ սերունդը։ Իսկ երբ նժույգն անհետացավ յասամանի թփերում, Դիկը սովորականի պես, տեղնուտեղը վերադարձավ իրեն շրջապատող իրականությանը և հարցրեց սպասավորին.

— Հապա՞, Օ-Տուր, ինչպե՞ս է նոր բոյը։ Վարժվո՞ւմ է։

— Ինձ թվում է, որ լավ բոյ է,— պատասխանեց չինացին։— Դեռ իսկական մանչուկ է։ Ամեն բան նորություն է նրա համար։ Շատ դանդաղաշարժ է, բայց ոչինչ, կսովորի։

— Այո՞։ Ինչո՞ւ ես այդպես կարծում։

— Արդեն երրորդ կամ չորրորդ առավոտն է, որ արթնացնում եմ նրան։ Քնում է նորածնի պես։ Արթնանալուն պես ժպտում է։ Ճիշտ ձեզ նման։ Շատ լավն է։

— Իսկ մի՞թե արթնանալիս ես ժպտում եմ,— հարցրեց Ֆորրեսթը։

Օ֊Տուրը եռանդով գլխով արեց։

— Քանի՜ տարի է, քանի՜-քանի անգամ է, որ ես արթնացնում եմ ձեզ։ Եվ միշտ էլ, հենց որ ձեր աչքերը բացում եք, նրանց մեջ արդեն ժպիտ կա, շուրթերն էլ են ժպտում, դեմքն էլ, ամբողջ էությամբ եք ժպտում։ Անմիջապես։ Դա շատ լավ է։ Երբ մարդն այդպես է արթնանում, ուրեմն, խելքը շատ է։ Ես գիտեմ։ Եվ նոր բոյն էլ է խելոք։ Կտեսնեք, շուտով֊շուտով ամեն բան կսովորի։ Անունը Չժոու Գեն է։ Այստեղ նրան ինչպե՞ս եք անվանելու։

— Իսկ Ի՞նչ անուններ ունենք,— հարցրեց նա։

— Օ-Դրախտ, Օյ֊Օյ, Օյ֊Լի, հետո ես՝ Օ֊Տուր,— շուտասելուկի պես թվարկեց չինացին։— Օ֊Դրախտը ասում է, որ նոր բոյին պետք է անվանել...

Նա լռեց ու խորամանկորեն նայեց իր տիրոջը։

Ֆորրեսթը գլխով արեց։

— Օ֊Դրախտը ասում է, որ նոր բոյի անունը թող լինի Օ֊Սատանա։

— Օհո՜։ Շա՛տ լավ է,— քրքջաց Ֆորրեսթը։— Տեսնում եմ, Օ֊Դրախտը սրամիտ մարդ է։ Լավ անուն է, միայն թե չի սազում։ Իսկ ի՞նչ կասի միսիսը։ Պետք է մեկ ուրիշ բան մտածել։

— Օ֊Հո՛... Դա էլ լավ անուն է։

Ֆորրեսթի ականջներում դեռևս հնչում էր քիչ առաջ իր իսկ բացականչությունը, և նա կռահեց, թե չինացին որտեղից գտավ այդ անունը։

— Լավ, թող Օ֊Հո կոչվի։

Օ֊Տուրը գլուխը խոնարհեց, անաղմուկ սահեց դուրս և քիչ անց վերադարձավ՝ տիրոջ հագուստները ձեռքին, օգնեց նրան հագնելու ներքնաշապիկն ու շապիկը, պարանոցին գցեց փողկապը, որը կապեց ինքը Ֆորրեսթը, և ծնկի գալով, ձգեց կրագներն ու ամրացրեց խթանները, հետո մատուցեց ֆետրե լայնեզր գլխարկը և մտրակը։ Մտրակը յուրահատուկ էր, հնդկական բնորոշ հյուսվածքով, բաղկացած էր կաշվի նեղ շերտերից, բռնակի մեջ լցված էր տասը ունցիա կապար, ուներ հանգուցափոկ, որը Դիկը հագցնում էր բազկին։

Սակայն Ֆորրեսթը դեռևս չէր կարող դուրս գալ սենյակից։ Օ֊Տուրը նրան մի քանի նամակ պարզեց, որոնք երեկ երեկոյան, երբ շեֆն արդեն պառկել էր քնելու, բերել էին կայարանից։ Ծրարների աջ եզրերը պատռելով՝ Ֆորրեսթը մեկը մյուսի հետևից աչքի էր անցկացնում նամակները և ուշադրությունը բևեռեց դրանցից մեկի վրա միայն։ Նա խոժոռված կանգնեց, հետո արագ մոտեցավ դիկտոֆոնին, քաշեց առաջ, սեղմեց գլանիկը շրջող կոճակը և արագ֊արագ սկսեց թելադրել առանց դադար առնելու անհրաժեշտ բառը գտնելու կամ միտքն ավելի ճիշտ արտահայտելու համար։

«Ի պատասխան հազար ինը հարյուր տասնչորս թվականի մարտի տասնչորսի ձեր նամակի, պետք է հայտնեմ, որ չափազանց ցավում եմ ձեր կողմերում տարածված խոզաժանտախտի լուրը լսելով։ Ցավում եմ նաև այն պատճառրվ, որ դուք հնարավոր եք համարում դրա պատասխանատվությունը ինձ վրա դնելը։ Եվ նաև այն պատճառով, որ ձեզ ուղարկած բտած խոզը սատկել է։

Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ մեզ մոտ ժանտախտ չի նկատվել, այդ հիվանդությունը չի նշմարվել արդեն ութ տարի շարունակ, բացառությամբ երկու դեպքի, երբ երկու տարի առաջ այն բերեցին Արևելքից։ Սակայն մեր օրենքի համաձայն, հիվանդացած խոզերին անմիջապես մեկուսացրել և ոչնչացրել են ավելի շուտ, քան վարակը կկարողանար ներթափանցել խոզերի բոլուկ։

Պետք է ձեզ հայտնեմ, որ ո՛չ այս և ո՛չ էլ մյուս դեպքում ես չեմ կարող վաճառողների վրա բարդել հիվանդ անասուններ ուղարկելու մեղքը։ Ինչպես հայտնի է ձեզ, խոզերի ժանտախտի ինկուբացիոն շրջանը տևում է ինը օր. ստուգելով առաքման Ժամկետը, ես համոզվեցի, որ այդ օրերին խոզերը միանգամայն առողջ են եղել։

Մի՞թե դուք երբևէ չեք մտածել, որ երկաթուղիները չափազանց օժանդակում են ժանտախտի տարածմանը։ Երբևէ լսե՞լ եք, որ ծխահարած կամ մանրէազերծած լինեն այն վագոնը, որտեղ հիվանդ անասուններ են եղել։ Բաղդատեցեք ամսաթվերը. նախ՝ բտած խոզը ուղարկելուս օրը, հետո՝ բտած խոզը ձեզ հասնելու օրը, և երրորդ՝ հիվանդության առաջին նշանների հայտնվելու օրը։ Դուք գրում եք, որ գարնանային հեղեղումների պատճառով բտած խոզը հինգ օր շարունակ եղել է ճանապարհին։ Առաջին ախտանշանները հայտնվել են խոզը ձեզ հասնելուց հետո միայն յոթերորդ օրը։ Հետևապես, իմ ուղարկելուց տասներկու օր անցած է եղել։

Ոչ։ Ես ձեզ հետ համաձայն չեմ, ես չեմ կարող պատասխանատվություն կրել այն աղետի համար, որպիսին վրա է հասել ձեր բոլուկին։ Բացի այդ, դուք կարող եք նահանգային անասնաբուժական վարչությունից տեղեկանալ, թե իմ կալվածքում ժանտախտի երևույթներ կա՞ն արդյոք։

Հարգանքներով...»

Գլուխ II

Դուրս գալով իր ննջարան֊պատշգամբից՝ Ֆորրեսթն անցավ պատուհանների խորշերի մոտ դրված բազմոցներով, մեծ գզրոցներով ու վիթխարի բուխարիկ ունեցող հարուստ հանդերձասենյակով, որտեղից մի դուռ էր բացվում դեպի լողարան, և ուղղվեց դեպի գրասենյակ, որն ուներ համապատասխան կահավորանք. գրասեղաններ, դիկտոֆոններ, քարտարաններ և գրապահարաններ, ինչպես նաև մինչև առաստաղ հասնող դարակներ, որոնք զատված էին վանդակագծերի ու բաժանմունքների։

Մոտենալով գրապահարաններին՝ Ֆորրեսթը մի կոճակ սեղմեց. դարակներից մի քանիսը պտտվեցինք և բացվեց մի նեղլիկ պտուտակաձև սանդղակ։ Ֆորրեսթը զգուշությամբ ցած իջավ, աշխատելով խթանները չդիպցնել իր հետևում նախկին դիրքն ընդունող դարակներին։

Սանդուղքի տակ մի այլ կոճակ և այլ դարակների պտույտը նրա առջև բացեց հատակից մինչև առաստաղ հասնող գրապահարաններ ունեցող երկար ու ցածրիկ սենյակի մուտքը։ Ֆորրեսթն անվարան քայլեց դեպի պահարաններից մեկը և ձեռքը մոտեցրեց ուղղակի այն գրքին, որն անհրաժեշտ էր։ Թերթելով գիրքը՝ նա անմիջապես գտավ անհրաժեշտ էջը, գոհունակությամբ գլխով արեց, ասես գտել էր այն, ինչ հաստատում էր իր տեսակետը, և գիրքը դարձյալ դրեց տեղը։

Այստեղից մի դուռ տանում էր դեպի բետոնե քառակուսի սյուներով մուտքը, սյուներն իրար էին միացված կալիֆորնիական սեքվոյաների երկայնակի դրված գերաններով, որոնց միջև կային նաև նույն փայտից ավելի բարակ ձողեր. գերաններն ու ձողերը ծածկված էին չեչոտ կեղևով, որը կարմրավուն թավիշ էր հիշեցնում։

Դատելով այն բանից, որ նա մի քանի հարյուր ֆուտ ճանապարհ կտրեց, շրջանցելով բետոնաշեն վիթխարի տան անվերջանալի պատերը, պարզ էր, որ չի ընտրել ամենակարճ ուղին։ Հինավուրց կաղնիների տակ, երկարավուն, կրծոտած ցցերի մոտ, ուր սմբակներով տրորված խիճը վկայում էր, թե ձիեր են եղել այստեղ, նա տեսավ մուգ-դարչնագույն, ավելի ճիշտ՝ ոսկե-դարչնագույն մի զամբիկ։ Սաղարթի միջով ընկնող արևի շեղ ճառագայթների տակ զամբիկի մաքուր բուրդը ատլասի փայլ էր արձակում։ Նրա ողջ էությունը ասես կրակով ու կյանքով էր լի։ Կազմվածքով հիշեցնում էր մատակի, և ողնաշարի երկայնքով ձգվող բարալիկ, մուգ շերտը խոսում էր մուսթանգների բազում սերունդների մասին։

— Հապա, ինչպե՞ս է այսօր Ֆուրիայի տրամադրությունը,— հարցրեց Ֆորրեսթը՝ զամբիկի պարանոցը ազատելով սանձից։

Ձին գլխին սեղմեց ականջները, շատ փոքրիկ ականջները, որպիսիք կարող են ունենալ միայն այն նժույգները, որոնք տաքարյուն ու զտարյուն երիվարների և լեռնային վայրի մատակների սիրո զավակներն են. հետո բարկացած բացեց ատամները՝ փայլեցնելով իր չար աչքերը։

Երբ Ֆորրեսթը թռավ նստեց թամբին, զամբիկը մի կողմ նետվեց ու փորձեց վար գցել հեծյալին, հետո կաքավեց խճածածկ արահետի վրա։ Հավանաբար, կփորձեր նաև ծառս լինել, եթե թույլ տար մարթինգալը. այդ փոկը ձիուն զսպում էր կտրուկ շարժումներ չկատարելու համար և միևնույն ժամանակ պաշտպանում էր հեծյալի քիթը՝ նրա գլխի բարկացկոտ թափահարումներից։

Դիկն այնքան էր վարժված այդ զամբիկին, որ գրեթե չէր նկատում նրա օյինները։ Մերթ երասանները թեթևակի սեղմելով ձիու ձգված պարանոցին, մերթ նրա կողերը խթաններով խուտուտ տալով կամ սեղմելով շենքելներով՝ նա գրեթե անգիտակցաբար ստիպում էր ձիուն ընթանալ անհրաժեշտ ուղղությամբ։ Մի անգամ, երբ զամբիկը դարձյալ փորձեց ծառս լինել, նա մի պահ տեսավ Մեծ տունը։ Այո, տունը վիթխարի էր, սակայն ճարտարապետական մտահղացման շնորհիվ ավելի մեծ էր թվում, քան իրականում կար։ Տան ճակատը ուներ ութսուն ֆուտ երկարություն, սակայն բավականին տեղ էին գրավում բետոնե պատերով ու կղմինդրե տանիքներով պատշգամբներր, որոնք իրար էին միացնում շինության առանձին մասերը։ Այնտեղ կային ներքին բակեր, ծածկած մուտքեր ու անցումներ, և իր պատերով, ուղղանկյուն ելուստներով ու խորշերով ողջ շինությունը ասես աճել էր կանաչի ու ծաղիկների թավուտից։

Մեծ տունը, անկասկած, իր վրա չէր կրում իսպանական ոճի կնիքը, բայց չէր պատկանում իսպանո-կալիֆորնիական շենքերի այն տեսակին, որը ներթափանցել էր այս կողմերը Մեքսիկայի վրայով, մոտ հարյուր տարի առաջ, և որի հիման վրա ուշ շրջանի ճարտարապետները ստեղծեցին այսպես կոչված իսպանո-կալիֆորնիական ոճը։ Մեծ տան ճարտարապետությունը, շինության տարատեսակությամբ հանդերձ, կարելի էր բնորոշել որպես իսպանոմավրիտանական, թեև կային գիտակներ, որոնք տաքացած առարկում էին նաև այդպիսի բնորոշման դեմ։

Ընդարձակ է, բայց ոչ խիստ, գեղեցիկ է, բայց ոչ հավակնոտ. այսպիսին էր այն ընդհանուր տպավորությունր, որ թողնում էր Մեծ տունը։ Նրա երկարավուն հորիզոնական գծերը, որոնք ընդհատվում էին միայն ելուստների ու խորշերի ուղղահայաց գծերով և կազմում էին ուղիղ անկյուններ, տանը հաղորդում էին գրեթե վանքի պարզություն, և միայն տանիքի կոտրված գիծն էր մի փոքր աշխուժացնում տան մասնակի միապաղաղությունը։

Այնուամենայնիվ, այդ ցածրիկ, ասես փռված շինությունը, բնավ չէր թվում գետնին կպած, իրար վրա դիզված քառակուսի աշտարակների ու աշտարակիկների բազմությունը տանը բավականաչափ բարձր շինության տպավորություն էին հաղորդում, սակայն ոչ այնպիսի, թե դեպի վեր է խոյանում։ Մեծ տան հիմնական յուրահատկությունը ամրությունն էր։ Տանտերերը կարող էին չվախենալ երկրաշարժերից։ Թվում էր, թե շենքը հազար տարի շարունակ կանգուն կմնա։ Պատերի լավորակ բետոնը ծածկված էր նույնքան որակյալ սվաղով, որը ներկել էին կրեմագույն ներկով։ Գունային այդպիսի միօրինակությունը կարող էր հոգնեցնող լինել աչքի համար, եթե այն չխախտվեր իսպանական կղմինդրե տանիքների տաք, կարմիր երանգներով։

Այն պահին, երբ տաքարյուն նժույգը կաքավեց, ու Դիկ Ֆորրեսթը մի հայացքով ընդգրկեց ամբողջ Մեծ տունը, նրա աչքերը շվարած բևեռվեցին երկու հարյուր ֆուտ լայնությամբ բակի մյուս կողմում գտնվող երկար կողաշենքի վրա։ Կողաշենքի՝ իրար վրա բարդված աշտարակիկները վարդագույն էին թվում արշալույսի ճառագայթների տակ, իսկ նրանց ներքո գտնվող ննջարանի պատուհանների իջեցված վարագույրները հուշում էին, թե կինը դեռևս քնած է։

Կալվածատան երեք կողմերից ձգվում էին ցածրիկ, ցիրուցան, նուրբ ուրվագծերով կանաչ բլրակները, որոնց վրա գտնվող արոտավայրերը շրջափակված էին ցանկապատերով։ Բլրակներն աստիճանաբար դառնում էին ավելի բարձր, անտառածածկ լանջերով ենթալեռներ, որոնցից այն կողմ սկսվում էին վեհատեսիլ լեռների առավել ուղղաձիգ շարքերը։ Չորրորդ կողմից հորիզոնը չէին ծածկում ոչ լեռները, ոչ էլ բլուրները։ Այնտեղ, մառախլապատ հեռուներում, տեղանքը դառնում էր անընդգրկելի հարթավայր, որի եզրը տեսանելի չէր նույնիսկ այդ թափանցիկ ու սառնաշունչ վաղորդյան օդի միջով։

Ֆուրիան խռռացրեց։ Ֆորրեսթը շենքելներով սեղմեց նժույգի կողերն ու ստիպեց քաշվել դեպի ճանապարհի եզրը, որովհետև դիմացից, սմբակները խճի վրա չրխկացնելով, հոսում էր արծաթափայլ մետաքսի գետը։ Դիկն անմիջապես ճանաչեց մրցանակ շահած իր անգորական այծերի հոտը, այծերից յուրաքանչյուրն ուներ իր տոհմական պատմությունն ու բնութագիրը։ Հոտում մոտ երկու հարյուր այծ կլիներ։

Շնորհիվ այն բանի, որ ցեղական այծերին աշնանը չէին խուզել, նրանց փայլատակող, նույնիսկ ամենաերիտասարդների մոտ ալիք-ալիք թափվող բուրդը ավելի նուրբ էր, քան նորածին մանկիկի աղվամազն է, ավելի նուրբ, քան ալբինոս մարդու մազերը, և սովորական տասներկու դյույմից ավելի երկար, իսկ լավագույն այծերի բուրդը, որ հասնում էր քսան դյույմ երկարության, կարելի էր ներկել ցանկացած գույնի, և հիմնականում ծառայում էր կանացի կեղծամներ պատրաստելու համար. այդ բրդի համար աներևակայելի գումարներ էին տալիս։ Ֆորրեսթին հմայել էր դեպի իր կողմը եկող հոտի գեղեցկությունը։ Ճանապարհը նման էր հեղուկ արծաթի ժապավենի, և թանկարժեք քարերի պես այնտեղ փայլատակում էին կատվաչքերի նման այծերի դեղին աչքերը, որոնք վախվորած հետաքրքրասիրությամբ հետևում էին հեծյալին ու նրա նյարդայնացած նժույգին։ Երկու բասք հովիվներ քայլում էին հոտի հետևից։ Դրանք մարմնեղ, լայնաթիկունք, թուխ և սևաչյա մարդիկ էին, որոնց արտահայտիչ դեմքերին կար խորազնին մտախոհության մի կնիք։ Տեսնելով տիրոջը՝ հովիվները հանեցին լայնեզր գլխարկներն ու խոնարհվեցին։ Ֆորրեսթը բարձրացրեց աջ ձեռքը, որից կախված ճոճվում էր մտրակը, և մոտեցրեց իր ֆետրե գլխարկի եզրին։

Նժույգը նորից պար եկավ ու ծառս եղավ նրա տակ. Ֆորրեսթը թեթևակի ձգեց սանձն ու խթանեց, միևնույն ժամանակ ուժ չունենալով հայացքը կտրել ճանապարհը արծաթավուն հոսանքով հեղեղած այդ չորքոտանի մետաքսաքուլաներից։ Ֆորրեսթը գիտեր, թե հոտն ինչո՛ւ է հայտնվել կալվածատան շրջակայքում. սկսվել էր ծնի շրջանը, երբ այծերին բերում են արոտավայրերից և տեղավորում հատուկ փարախներում, որտեղ նրանց սպասում են լիառատ կերն ու խնամքը։ Նայելով անասուններին՝ Դիկը պատկերացրեց թուրքական և հարավ֊աֆրիկական լավագույն ցեղերն ու վճռեց, որ իր հոտը միանգամայն կարող է դիմանալ այս համեմատությանը։ Լավ, գերազանց հոտ է դա։

Եվ շարունակեց ճանապարհը։ Ամեն կողմից լսվում էր պարարտանյութ ցրող մեքենաների դռռոցը։ Հեռվում, զառիվայր ցածրիկ բլրակների վրա երևում էին բազմաթիվ զույգ֊զույգ և երեք-երեք լծվածքներ. նրա շիրյան զամբիկներն էին խոփերով վարում և հերկում լեռնալանջերի կանաչ ճիմը, շուռ տալով մուգ֊դարչնագույն, հումուսով հարուստ թանձր սևահողը, որն այնքան փխրուն էր ու կենսատու ուժով լի, ասես ինքն իրեն փխրվում դառնում էր մանրիկ, կարծես մաղած հող՝ պատրաստ իր գիրկն ընդունելու սերմերը։ Այդ հողը նախատեսված էր եգիպտացորեն և սիլոսի համար սորգո ցանելու։ Մյուս սարալանջերին ավելի վաղ ցանած գարին արդեն հասնում էր մինչև ծնկները, և արդեն ծլել էին երեքնուկն ու կանադական սիսեռը։

Բոլոր այդ մեծ ու փոքրիկ ցանքաստանները այնպիսի խնամքով ու նպատակայնությամբ էին մշակված, որ բերկրանք կպատճառեին ամենաբծախնդիր գիտակ մարդու սրտին։ Շրջափակոցներն ու ցանկապատերը այնքան խիտ էին ու բարձր, որ հուսալի պաշտպանական միջոց էին խոզերի ու եղջյուրավոր անասունների դեմ, իսկ նրանց ստվերում ոչ մի մոլախոտ չէր աճում։ Ստորոտներին ցանված էր կապտավուն առվույտ, տեղ-տեղ կանաչել էր աշնանացանը, դաշտեր էլ կային, որտեղ, ցանքափոխության պահանջից ելնելով, պատրաստվում էին գարնանացանի։ Իսկ այն փարախների մոտակայքում, որոնք նախատեսված էին մայրերի համար, արածում էին շրոփշիրյան և ֆրանսիական գեր մերինոսները կամ հողն էին փորփրում ցեղական ճերմակ խոզերը, որոնց տեսնելովս Դիկի աչքերը բերկրանքից փայլատակեցին։

Նա անցավ գյուղատիպ մի ավանի միջով, որտեղ, սակայն, չկային ոչ հյուրանոց և ոչ էլ կրպակներ։ Բունգալո տիպի տնակները գեղեցիկ էին, հաստատուն և հաճելի՝ աչքի համար, դրանցից յուրաքանչյուրը գտնվում էր պարտեզում, որտեղ արդեն ծաղկել էին վաղ գարնանային ծաղիկները և նույնիսկ վարդեր, որոնք արհամարհել էին գարնանային վերջին վաղորդյան ցրտերի վտանգը։ Մարգերի մեջ վազվզում էին արդեն արթնացած երեխաները, որոնցից մի քանիսը, լսելով մայրիկների կանչը, դժկամությամբ գնացին նախաճաշելու։

Կես մղոն հեռավորությունից շրջանցելով Մեծ տունը՝ Ֆորրեսթն անցավ արհեստանոցների երկար շարքի մոտով։ Նա կանգնեց առաջին արհեստանոցի մոտ ու ներս նայեց։ Դարբիններից մեկն աշխատում էր քուրայի դիմաց։ Մյուսը, արդեն տարիքն առած դարբինը մոտ հազար ութ հարյուր ֆունտ քաշ ունեցող ձիու առջևի ոտքի վրա խոնարհված, խարտում էր սմբակի արտաքին եզրը, որպեսզի պայտն ավելի լավ կարողանա նստեցնել։ Ֆորրեսթը, թռուցիկ հայացք նետելով դարբնի ու նրա աշխատանքի վրա, գլխով արեց ու շարունակեց ճանապարհը։ Մոտ հարյուր ֆուտ գնալուց հետո նա պահեց իր ձին, հետևի գրպանից հանեց նոթատետրն ու ինչ֊որ բան գրեց։

Ճանապարհին նա մի քանի արհեստանոցներում էլ եղավ, աչքի անցկացրեց ներկարարական, փականագործական, փայտագործական արհեստանոցները, ինչպես նաև գարաժը։ Երբ նա կանգնած էր փայտագործական արհեստանոցի մոտ, առջևով սլացավ արտառոց մի ավտոմեքենա՝ կիսաբեռնատար֊կիսամարդատար, և շրջվելով մեծ ճանապարհը, ուղղվեց դեպի երկաթուղային կայարանը, որը կալվածքից մոտ ութ մղոն հեռավորության վրա էր գտնվում։ Նա ճանաչեց այդ բեռնատարը, որն ամեն առավոտ իր կաթի ֆերմայից տանում էր արտադրանքը։

Մեծ տունն ասես հանդիսանում էր ամբողջ կալվածքի հոգին ու կենտրոնը։ Կես մղոն տարածության վրա այն շրջափակված էր տնտեսական շինությունների օղակով։ Շարունակելով բարևել իր ծառայողներին՝ Դիկ Ֆորրեսթը քառատրոփ անցավ կաթի ֆերմայի մոտով։ Դա մի ամբողջ քաղաք էր՝ սիլոսի աշտարակներով ու ճոպանուղիով, որի վրայով շարժվում էին պարարտանյութը ավտոմատ կերպով մեքենաների հարթակներին բեռնող տրանսպորտյորները։ Ծառայողներից ոմանք, որոնք գնում էին կամ ձի հեծած, կամ էլ սայլերով, կանգնեցնում էին Ֆորրեսթին՝ ցանկանալով խորհուրդ հարցնել նրանից. ամեն ինչից հայտնի էր, որ դրանք քաջատեղյակ, գործարար մարդիկ են։ Նրանք տնտեսության առանձին մասնաճյուղերի կառավարիչներն ու տնտեսվարներն էին, տիրոջ հետ խոսելիս նույնքան քչախոս էին, որքան և Ֆորրեսթը։ Դրանցից վերջինին, որը հեծել էր սքանչելի եռամյա մի ձի,— դեռևս վայրի ու այնքան գեղեցիկ, ինչպիսին կարող է լինել արաբական արյուն ունեցող և դեռ շատ քիչ աշխատած ձին,— և որը մտադիր էր սահմանափակվել միայն գլխի բարևով, Դիկ Ֆորրեսթը ինքը կանգնեցրեց։

— Բարի լույս, միստր Հեննեսի,— ասաց նա։— Ե՞րբ պատրաստ կլինի միսիս Ֆորրեսթի այդ նժույգը։

— Մեկ շաբաթ ևս,— պատասխանեց Հեննեսին։— Նժույգը հիմա վարժված է հեծյալին և ճիշտ այնպես, ինչպես կկամենար միսիս Ֆորրեսթը, բայց հոգնած է ու նյարդայնանում է. լավ կլինի, եթե մի քանի օր ազատություն տանք, որպեսզի վերջնականապես վարժվի ու հանգստանա։

Ֆորրեսթը գլխով արեց, և նրա անասնաբույժը՝ Հեննեսին, շարունակեց.

— Ի դեպ, մենք երկու կառապան ունենք, որոնք առվույտ են տեղափոխում... Ես կարծում եմ, որ նրանց պետք է վերջնահաշիվ տալ։

— Իսկ ի՞նչ է պատահել։

— Նրանցից մեկը նոր է, Հոփքինսը. զորացրված զինվոր է։ Ջորիների հետ, թերևս, վարվել գիտե, բայց արագավազ ձիերից գլուխ չի հանում։

Ֆորրեսթը դարձյալ գլխով արեց։

— Մյուսն արդեն երկու տարի է, ինչ աշխատում է այստեղ, բայց սկսել է խմել ու գինովությունը պարպում է ձիերի գլխին....

— Աա՜֊ա՜... Սմի՞թը... հնաոճ ամերիկացու է նման, սափրված է միշտ ու ձախ աչքն էլ շի՞լ է,— ընդհատեց նրան Ֆորրեսթը։

Անասնաբույժը գլխով հաստատական նշան արեց։

— Ես հետևում եմ նրան... Սկզբում լավ աշխատավոր էր, իսկ հիմա ինչ֊որ փոխվել է... Իհարկե, գրողի ծոցն ուղարկեցեք նրան։ Մյուսին էլ, ինչպե՞ս էր անունը... Հոփքինսին էլ կորցրեք գնա։ Ի դեպ, միստր Հեննեսի,— Ֆորրեսթը հանեց նոթատետրը և պատռելով քիչ առաջ գրած թերթը, ճմռեց ափի մեջ,— դուք մի նոր դարբին ունեք։ Ինչպե՞ս է նա պայտում ձիերին...

— Նա վերջերս է աշխատում մեզ մոտ, ես դեռ չեմ հասցրել աչքի անցկացնել նրա աշխատանքը։

— Ուրեմն, նրան ևս ճամփեք մյուս երկուսի հետ։ Չի գոհացնում մեզ։ Ես հենց քիչ առաջ տեսա, թե ինչպես էր պայտը նստեցնելու համար պառավ Բեսսիի առջևի սմբակը խարտում գրեթե կես դյույմ խորությամբ։

— Միջո՜ց է գտել։

— Ուրեմն, ճամփու դրեք նրան գրողի ծոցը,— կրկնեց Ֆորրեսթը և թեթևակի հրումով ձին հանեց ճանապարհի վրա. ձին տեղից պոկվեց, ձգեց պարանոցն ու փորձեց վար նետել հեծյալին։

Շատ բաներ, ինչ տեսավ Ֆորրեսթը՝ հավանեց։ Նայելով հյութեղ հողաշերտերին՝ նա նույնիսկ մրմնջաց. «Հրաշալի հող է, հրաշալի»։ Ինչ-որ բաներ, այնուամենայնիվ, դուր չէին գալիս նրան, և նա անմիջապես համապատասխան գրառումներ էր կատարում իր նոթատետրում։

Փակելով այն շրջանը, որի կենտրոնն էր Մեծ տունը, Ֆորրեսթը կես մղոն ևս անցավ դեպի մեկուսի կանգնած բարաքների ու փարախների շարքը։ Դա անասունների հիվանդանոցն էր, իր ճամփորդության նպատակը։ Այստեղ նա թոքախտի կասկածով երկու հորթ տեսավ ու ջերսեյական սքանչելի մի խոզ, որը շատ լավ էր զգում իրեն։ Խոզը կլիներ մոտ վեց հարյուր ֆունտ, ոչ աչքերի փայլը, ոչ առույգ շարժումները, ոչ փայլող մազերը հիմք չէին տալիս ենթադրելու, թե հիվանդ է։ Խոզը վերջերս էր ստացվել Այհովա նահանգից և կալվածքի կարգուկանոնի համաձայն պետք է անցներ որոշակի կարանտինով։ Առևտրական ընկերության ցուցակներում խոզն հայտնի էր Բուրգես Առաջին անվամբ. երկու տարեկան էր, և Ֆորրեսթի վրա նստել էր հինգ հարյուր դոլլար։

Այստեղից Ֆորրեսթը թեքվեց դեպի այն ճանապարհներից մեկը, որը Մեծ տնից հեռանում էր շառավղային գծով, հասավ Քրելլինին՝ իր խոզապահին, հինգրոպեանոց խոսակցության ընթացքում մի շարք հրահանգներ տվեց, թե ինչպես պետք է առաջիկա ամիսներին պահել Բուրգես Առաջինին, և տեղեկացավ, որ իր հիասքանչ ու առաջնակարգ, Սիեթլից մինչև Սան-Դիեգոյի բոլոր ցուցահանդեսներում մրցանակ շահած ու երկնագույն ժապավենի արժանացած մայր֊խոզը՝ Լեդի Այլթոնը բարեհաջող կերպով ծնել է տասնմեկ խոճկորներ։ Քրելլինը պատմեց, որ մայր-խոզի մոտ նստել է գրեթե ողջ գիշերը և հիմա տուն է գնում, որպեսզի լողանա ու նախաճաշի։

— Լսել եմ, որ ձեր ավագ դուստրն ավարտել է դպրոցն ու պատրաստվում է Սթենֆորդյան համալսարա՞ն ընդունվել,— հարցրեց Ֆորրեսթը, զսպելով ձիուն, որին արդեն ուզում էր թույլ տալ քառատրոփ սլանալու։

Քրելլինը, մոտ երեսունհինգ տարեկան այդ երիտասարդը, ժամանակից շուտ հասունացած լինելով, որովհետև վաղուց արդեն հայր էր դարձել, ու դեռևս պատանի՝ շնորհիվ ազնիվ կյանքի ու թարմ օդի, շոյվեց տիրոջ ուշադրությունից. նրա արևահար դեմքը շիկնեց, ու նա գլխով արեց։

— Լավ կշռադատեք,— շարունակեց Ֆորրեսթը։— Մտաբերեցեք ձեզ ծանոթ բոլոր այն աղջիկներին, ովքեր քոլլեջ կամ ուսուցչական ինստիտուտ են ավարտել. իրենց մասնագիտությամբ աշխատողներն արդյո՞ք շատ են նրանց մեջ։ Եվ քանի՞ հոգի են կուրսն ավարտելուց հետո առաջիկա երկու տարվա ընթացքում ամուսնացել ու սկսել են իրենց սեփական երեխաներով զբաղվել։

— Բայց Ելենան շատ լուրջ է վերաբերվում ուսմանը,— առարկեց Քրելլինը։

— Իսկ հիշո՞ւմ եք։ երբ վիրահատեցին կույր աղիքս,— ասաց Ֆորրեսթը,— ինձ մի խելացի հիվանդապահ էր խնամում. սքանչելի մի աղջիկ, որպիսին երբևէ քայլել է երկրի վրա իր հրաշալի ոտիկներով։ Նա դրանից ընդամենը վեց ամիս առաջ էր կվալիֆիկացված հիվանդապահի վկայական ստացել։ Եվ դեռ չորս ամիս էլ չանցած ես ստիպված եղա նրան հարսանեկան նվեր ուղարկել։ Նա ամուսնացավ ավտոմեքենաների ֆիրմայի գործակալի հետ։ Ամուսնանալուց հետո անդադար քոչում էր մի հյուրանոցից մյուսը և ոչ մի անգամ հնարավորություն չի ունեցել օգտագործելու իր գիտելիքները, մանավանդ, որ դեռ երեխաներ էլ չեն ծնվել։ Ճիշտ է, հիմա դարձյալ նա ինչ֊որ հույսեր ունի, բայց որևէ բան կստացվի՞ արդյոք, գուցե և չստացվի. բայց առանց այդ էլ շատ երջանիկ է։ Էլ ինչի՞ էր պետք նրա սովորելը...

Ճիշտ այդ պահին նրանց կողքով անցավ պարարտանյութի դատարկ սայլը, և Քրելլինը ստիպված եղավ ետ քաշվել, իսկ Ֆորրեսթը նահանջեց դեպի ճանապարհի եզրը։ Ֆորրեսթը հաճույքով նայեց պարարտանյութի սայլին լծված հաղթանդամ, զարմանալիորեն համաչափ ու բարեկազմ զամբիկին, որի բազմաթիվ մրցանակները, ինչպես և նախնիների շահած մրցանակները կպահանջեին հատուկ էքսպերտ՝ հաշվարկելու և դասակարգելու համար։

— Նայեցեք Ֆոզրինգտոնյան Արքայադստերը,— նկատեց Ֆորրեսթը, ցույց տալով մարդու հայացք շոյող ձիուն։— Իսկական արտադրող ուժ է։ Միայն պատահականորեն, բազմաթիվ սերունդների սելեկցիայի շնորհիվ է նա դարձել բեռնաքարշի ընդունակություններ ունեցող ձի։ Բայց դա չէ կարևորը. գլխավորն այն է, որ իսկական արտադրող է։ Եվ մեծ մասամբ մեր կանանց համար ևս ամենից գլխավորը տղամարդու նկատմամբ տածած սերն է ու մայրությունը, որին նրանք նախատեսված են բնության կողմից։ Կենսաբանության մեջ ոչ մի հիմք չկա կանացի աշխատանքի և քաղաքական իրավունքների ժամանակակից այս ողջ խառնաշփոթության համար։

— Բայց կան տնտեսական հիմքեր,— առարկեց Քրելլինը։

— Անկասկած,— համաձայնեց Ֆորրեսթր և շարունակեց.— Արդյունաբերական մեր իշխանությունը կանանց ամուսնանալու հնարավորություն չի տալիս և նրանց ստիպում է աշխատել։ Բայց մի՛ մոռացեք, որ արդյունաբերական համակարգերը գալիս են և գնում, իսկ կենսաբանության օրենքները հավիտենական են։

— Մեր օրերում երիտասարդ կանանց սոսկ ընտանեկան կյանքով չես գոհացնի,— շարունակեց պնդել Քրելլինը։

Դիկ Ֆորրեսթը ծիծաղեց անվստահ մի երանգով։

— Է՛հ, չգիտեմ,— ասաց նա։— Վերցնենք թեկուզ ձեր կնոջը, դիպլոմ ունի, այն էլ՝ համալսարանական, հին լեզուների ֆակուլտետի գծով։ Մի՞թե դա պետք է նրան։ Երկու տղա ունի և երեք աղջիկ, եթե չեմ սխալվում։ Եվ հիշո՞ւմ եք, ինձ ասել եք, որ կուրսն ավարտելուց դեռ տարի ու կես առաջ է դարձել ձեր հարսնացուն...

— Այո, իհարկե, բայց...— պնդեց Քրելլինը, թեև նրա աչքերում ինչ֊որ բան փայլատակեց, հուշելով, թե նա համաձայն է իր տիրոջ հետ,— նախ՝ դա տասնհինգ տարի առաջ էր, երկրորդ մենք մինչև ականջի ծայրը սիրահարված էինք իրար։ Զգացմունքը մեզնից շատ ավելի զորեղ էր։ Այս դեպքում, չեմ վիճում, դուք իրավացի եք։ Նա մեծ գործունեություն էր երազում, իսկ ես, լավագույն դեպքում, կարող էի գյուղատնտեսական քոլլեջում դեկանության հույս ունենալ։ Սակայն զգացմունքները շատ ավելի զորեղ էին, և մենք ամուսնացանք։ Բայց այդ օրերից անցել է տասնհինգ տարի, իսկ այդ տարիների ընթացքում մեր երիտասարդ կանանց կյանքում, ձգտումներում, իդեալներում շատ բան է փոխվել։

— Չհավատաք ղրան, միստր Քրելլին, չհավատաք։ Աչքի անցկացրեք վիճակագրությունը։ Այն, ինչի մասին դուք ասում եք, պատահականություն է, և շատ հարաբերական։ Յուրաքանչյուր կին եղել և ամենից առաջ մնում է կին։ Քանի մեր աղջնակները տիկնիկ կխաղան և հայելուն նայելով կհիանան իրենցով, կինը կլինի այն, ինչ եղել է միշտ. նախ՝ մայր, երկրորդ՝ տղամարդու ընկերուհի, կին։ Դա, կրկնում եմ, հաստատում է վիճակագրությունը։ Ես հետևել եմ ուսուցչական ինստիտուտ ավարտած կանանց ճակատագրին։ Չմոռանաք, որ նրանք, ովքեր մինչև կուրսն ավարտելը ամուսնանում են, հեռացվում են ինստիտուտից։ Սակայն նրանք էլ, ովքեր հասցնում են ավարտել, միջին հաշվով դասավանդում են երկու տարուց ոչ ավելի։ Իսկ եթե ուշադրություն դարձնեք, որ ավանդողներից շատերն էլ գեղեցիկ չեն կամ ճարպիկ, ու ճակատագրով դատապարտված են պառաված օրիորդներ մնալու և դասավանդելու ամբողջ կյանքի ընթացքում, ապա նրանց աշխատանքի ժամկետը, ովքեր ամուսնանում են, ավելի է կրճատվում։

— Բայց և այնպես, կինը, նույնիսկ աղջնակը, ամեն բան անում է իր գիտեցածի պես, հակառակ տղամարդու,— քրթմնջաց Քրելլինը, նահանջելով Ֆորրեսթի բերած թվերից և վճռելով ազատ ժամերին ուսումնասիրել դրանք։

— Ուրեմն, ձեր դուստրը կընդունվի համալսարան,— ծիծաղեց Ֆորրեսթը, պատրաստվելով քառատրոփ սլանալու,—, իսկ դուք, և ես, և բոլոր տղամարդիկ հավիտյանս հավիտենից կանանց թույլ ենք տալու անել այն ամենը, ինչ խելքներին կփչի։

Տիրոջ և նրա ձիու արագորեն փոքրացող կերպարանքը հայացքով ճանապարհելով՝ Քրելլինը ժպտաց։ Նա մտածում էր. «Իսկ ո՞ւր են ձեր երեխաները, միստր Ֆորրեսթ», և վճռեց առավոտյան սուրճի ժամանակ կնոջը պատմել այդ խոսակցության մասին։

Նախքան Մեծ տուն վերադառնալը՝ Դիկ Ֆորրեսթը մի անգամ էլ կանգ առավ։

Մարդուն, որին նա ձայն տվեց, անվանում էին Մենդենհոլլ. դա ախոռների կառավարիչն էր և արոտավայրերի գծով մասնագետ։ Նրա մասին ասում էին, թե կալվածքում գիտե ոչ միայն յուրաքանչյուր խոտը այն պահից ի վեր, ինչ հայտնվել է ծիլը, այլև խոտի բարձրությունը։

Ֆորրեսթի նշանով Մենդենհոլլը պահեց սայլակին լծված եռամյա ձիերի զույգը։

Ֆորրեսթը նրան ձայն տվեց Սաքրամենթո հովտի հյուսիսային ծայրը ուշադիր զննելոլց հետո միայն։ Այնտեղ բազմաթիվ մղոններով ձգվում էր արևով ողողված և արդեն պայծառ, թարմ կանաչով ծածկված բլուրների ալիքաձև գիծը։

Իսկ հետագա խոսակցությունը կարճ էր և բաղկացած սոսկ ոչ շատ բարդ հարցերից ու պատասխաններից։ Նրանք վաղուց վարժված էին հասկանալ իրար։ Խոսքը խոտերի, ձմեռային անձրևների և ուշ գարնանային հնարավոր անձրևների մասին էր։ Հիշատակվեցին Լիթլ Կոյոտ և Լոս Քվատոս գետակները, Յոլո և Միրիմար, ինչպես նաև Բիգ Բեզին, Ռաունդ Վելլեյ բլուրները, Սան-Անսելմո և Լոս Բանոս լեռնապարերը։ Քննարկվեցին հոտերի ու նախիրների այժմյան, անցյալ և ապագա տեղաշարժերը, լեռնային արոտավայրերում ցանած կանաչի հետ կապված հույսերը, կատարեցին խոտի մոտավոր հաշվարկը, որ դեռ մնացել էր լեռնահովիտների հեռավոր մարագներում, այնտեղ, որտեղ անասունները ձմեռում և սնվում էին։

Կաղնիների տակ, ձիացցերի մոտ, Ֆորրեսթը ստիպված չեղավ անձամբ զբաղվել Ֆուրիայով։ Մոտ վազող ախոռապանը ընդունեց ձիուն։ Ֆորրեսթը հենց ոտքի վրա մի քանի բառ նետեց Դադդիի՝ ճանապարհորդական ձիու մասին, և քիչ անց նրա խթանները զրնգացին տան աստիճանների վրա։

Գլուխ III

Բացելով երկաթագամ ծանր ու սրբատաշ դուռը, Ֆորրեսթը ներս մտավ Մեծ տան կողաշենքերից մեկով։ Ե՛վ դուռը, և՛ ապա բետոնե հատակով ու բազմաթիվ այլ դռներով սրահը հիշեցնում էին միջնադարյան բանտային աշտարակ։ Սրահի դռներից մեկը կրնկի վրա բացվեց և շեմքին հայտնվեց ճերմակ գոգնոցով ու օսլայած գդակով չինացին, իսկ նրա հետևից լսվեց դինամոմեքենայի խուլ դռռոցը։ Հենց այդ դռռոցն էլ Ֆորրեսթի ուշադրությունը շեղեց հիմնական նպատակից։ Նա կանգ առավ և, դուռը պահելով, ներս նայեց էլեկտրական լամպերով լուսավորված, բետոնապատ զով սենյակը, որտեղ գտնվում էր երկարավուն, ապակե դարակներով սառնարանը, որը միացված էր արհեստական սառույց պատրաստող մեքենայի և դինամոյի հետ։ Հատակին, յուղոտված բանվորական արտահագուստով, նստել էր ոտքից գլուխ աղտոտ մի մարդ։ Ֆորրեսթը գլխով ողջունեց նրան։

— Ինչ-որ բան չի՞ ստացվում, Թոմսոն։

— Չէր ստացվում,— հետևեց կարճ, սպառիչ պատասխանը։

Ֆորրեսթը դուռը գոցեց ու քայլեց երկար, թունելի նման միջանցքով։ Միջնադարյան ամրոցի հրակնատների պես նեղլիկ պատուհաններից լույսը ժլատորեն էր թափանցում։ Մեկ ուրիշ դուռ նրան բերեց գերանաշեն ցածրիկ առաստաղով մի սենյակ. այստեղ բուխարիկն այնքան մեծ էր, որ կարելի էր մի ամբողջ ցուլ խորովել։ Առկայծող ածուխների վրա պայծառ վառվում էր մի հատ կոճղ։ Սենյակում երկու բիլիարդ կար, թղթախաղի մի քանի սեղաններ, խմիչքով ծանրաբեռնված ոչ մեծ մի սեղան, իսկ անկյուններում՝ բազմոցներ ու բազկաթոռներ։ Իրենց քիյերին կավիճ քսող երկու երիտասարդ պատասխանեցին Ֆորրեսթի բարևին։

— Բարի լույս, միստր Նեյսմիթ,— ժպտադեմ նրանցից մեկին դիմեց Ֆորրեսթը։— «Անասնապահի թերթի» համար նոր նյութեր հավաքե՞լ եք։

Պենսնեով, մոտ երեսուն տարեկան Նեյսմիթը շփոթված և, աչքով անելով, ակնարկեց ընկերոջը։

— Ախր Ուեյնռայթը ինձ կանչեց...

— Այլ կերպ ասած, Լյութն ու Էրնեստինան դեռ քաղցր քնած են,— ծիծաղեց Ֆորրեսթը։

Ուեյնռայթը կամենում էր պատասխանել տիրոջ կատակին, բայց չհասցրեց, Ֆորրեսթն արդեն հեռացել էր, քայլելիս ուսի վրայով նեյսմիթին ասելով.

— Տասնմեկ անց կեսին կուզենայի՞ք մեկնել ինձ հետ։ Ես ու Թեյերը մեքենայով գնալու ենք շրոփշիրներին տեսնելու։ Նրան ոչխարներ են անհրաժեշտ, տասը վագոն։ Եվ դուք էլ, երևի, հարմար մի նյութ կգտնեք Այդահո նահանգ տարվող անասունների մասին։ Լուսանկարչական ապարատն էլ վերցրեք։ Այսօր առավոտյան հանդիպե՞լ եք Թեյերին։

— Նա գնաց նախաճաշելու ճիշտ այն ժամանակ, երբ մենք դուրս էինք գալիս ճաշարանից,— միջամտեց Բերթ Ուեյնռայթը։

— Եթե նրան տեսնեք, ասացեք, որ ժամը տասնմեկ անց կեսին պատրաստ լինի։ Բերթ, ես քեզ չեմ հրավիրում... կարեկցելու պատճառով, մինչ այդ, աղջիկները երևի արդեն ոտքի ելած կլինեն։

— Գոնե Ռիտային վերցրու քեզ հետ,— խեղճացած խնդրեց Բերթը։

— Վախենում եմ՝ չկարողանամ,— պատասխանեց արդեն դռան մեջ կանգնած Ֆորրեսթը,— մենք գործով ենք գնում։ Ասենք, Ռիտային ու Էրնեստինային, ինչպես հայտնի է քեզ, ջրով էլ չես բաժանի։

— Ես էլ հենց ուզում եմ, որ գոնե մի անգամ դա հաջողվի,— ծիծաղեց Բերթը։

— Զարմանալի է։ Եղբայրները, չգիտես ինչու, երբեք չեն գնահատում իրենց քույրերին,— նկատեց Ֆորրեսթը։— Ինձ միշտ թվացել է, որ Ռիտան շատ լավ քույրիկ է։ Ինչո՞վ է նա քեզ վշտացրել։

Առանց պատասխանի սպասելու, նա իր հետևից գոցեց դուռը, և խթանների զրնգոցն արդեն լսվեց միջանցքից, իսկ հետո՝ պտուտակաձև սանդուղքից։ Վեր ելնելով սանդուղքի բետոնե լայն աստիճաններով՝ նա լսեց դաշնամուրի հնչյունները և, ուրախ պարի ռիթմով ու ծիծաղի պոռթկումներով հրապուրված, մտավ արևով լեցուն լուսավոր սենյակը։ Դաշնամուրի առջև նստած էր վարդագույն կիմոնոյով ու գիշերային գլխարկով երիտասարդ մի աղջիկ, իսկ մյուս երկուսը, դարձյալ կիմոնոյով, ինչ-որ ֆանտաստիկ պար էին կատարում։ Այդ պարը չէին ուսանել և ոչ մի պարի դպրոցում, և այն բնավ էլ նախատեսված չէր տղամարդկանց աչքի համար։

Դաշնամուրի առջև նստած աղջիկը անմիջապես տեսավ Ֆորրեսթին, աչքով արեց նրան ու շարունակեց, նվագել։ Պարողները նրան նկատեցին մի քանի րոպե հետո միայն։ Աղջիկները ճչացին, ծիծաղելով գրկեցին իրար, և երաժշտությունը դադարեց։ Երեքն էլ ուժեղ էին, երիտասարդ ու առողջ, և նրանց տեսքից Ֆորրեսթի աչքերում փայլատակեց նույնպիսի գոհունակություն, ինչպիսին հայտնվել էր այն ժամանակ, երբ նա զննում էր Ֆոզրինգթոնյան Արքայադստերը։

Սկսվեցին փոխադարձ ծաղրն ու ծիծաղը, ինչպես սովորաբար լինում է, երբ հավաքվում է երիտասարդությունը։

— Արդեն հինգ րոպե է, ինչ այստեղ եմ- հավատացնում էր նրանց Դիկ Ֆորրեսթը։

Պարուհիները, ջանալով թաքցնել իրենց շփոթմունքը, հայտարարեցին, որ խիստ կասկածում են, և սկսեցին օրինակներ բերել Ֆորրեսթի՝ իբր հանրահայտ ստախոսություններից։ Դաշնամուրի մոտ նստած Էրնեստինան՝ Դիկի կնոջ քույրը, ընդհակառակը, պնդում էր, որ նրա շուրթերը, ինչպես միշտ, բարբառում են ճշմարտություն, որ ինքը նրան-տեսել է սենյակ մտնելու հենց առաջին րոպեից և, իր կարծիքով, նա աղջիկներին նայել է շատ ավելի երկար, քան հինգ րոպեն։

— Դե լավ, դե լավ,— ընդհատեց Ֆորրեսթը նրանց շաղակրատանքը,— իսկ Բերթը, այդ անմեղ մանկիկը, չի էլ կասկածում, որ դուք արդեն ոտքի վրա եք։

— Այո, վեր ենք կացել... Բայց ոչ թե նրա համար,— հայտարարեց երիտասարդ, ուրախ Վեներայի նման պարող աղջիկներից մեկը։— Եվ ոչ էլ ձեզ համար։ Ուստի և չքվեցեք այստեղից, տղաս, քայլով մա՛րշ։

— Լսեք, Լյութ,— խստադեմ սկսեց Ֆորրեսթը։— Թեև ես արդեն հալից ընկած ծերունի եմ, իսկ ձեր տասնութ տարին նոր է լրացել,— ճիշտ տասնութ տարին,— և դուք պատահականորեն իմ քենին եք, սակայն դա բնավ չի նշանակում, թե դուք կարող եք ձեռք առնել ինձ։ Մի՛ մոռացեք, և ես հատկապես պետք է նշեմ այդ փաստը, որը, ինչքան էլ ցավալի լինի ձեզ համար, բացարձակապես բխում է Ռիտայի շահերից, մի՛ մոռացեք, որ անցած տասը տարիների ընթացքում ես ստիպված եմ եղել ձեզ պարգևատրել ապտակներով շատ ավելի հաճախ, քան այժմ դուք կկամենայիք խոստովանել։ Ճիշտ է, հիմա ես այնքան էլ երիտասարդ չեմ, ինչպես մի ժամանակ, բայց...— նա շոշափեց աջ ձեռքի մկանները և ձևացրեց, թե կամենում է թևքը վեր քշտել,— բայց դեռ բնավ էլ ավերակ չեմ, և եթե դուք ինձ հանեք համբերությունից...

— Ի՞նչ կլինի, եթե համբերությունից հանեմ,— գրգռիչ երանգով կրկնեց Լյութը։

— Եթե համբերությունից հանեք...— սպառնալից քրթմնջաց նա։— Եթե... Ի դեպ, ես պետք է ցավով նկատեմ, որ ձեր գլխարկը թեքվել է։ Բացի այդ, ձեր այդ գլխարկը ընդհանրապես ինձ թվում է ոչ այնքան հաջող արվեստի գործ։ Ես ձեզ համար գիշերային գլխարկ կկարեի, որն ավելի կսազեր, նույնիսկ աչքերս փակ, նույնիսկ քնած ժամանակ կկարեի, և նույնիսկ... եթե ծովային հիվանդությամբ տառապելիս լինեի։

Լյութն հանդգնորեն ցնցեց շիկահեր գլուխը, նայեց ընկերուհիներին, ասես աղերսելով, որ իրեն զորավիգ լինեն, և հայտարարեց.

— Կասկածում եմ... Մի՞թե դուք կարծում եք, որ մենք երեքով չենք կարողանա տարիքն առած, չափից դուրս գեր և հանդուգն մի տղամարդու հախից գալ։ Ի՞նչ կասեք, աղջիկներ։ Եկեք բոլորս միասին խեղճացնենք նրան։ Ախր նա արդեն քառասուն տարեկան կլինի, տառապում է սրտի անևրիզմով և, չնայած չի կարելի հրապարակել ընտանեկան գաղտնիքները, այդ ամենից բացի, մենիերյան հիվանդություն էլ ունի։

Էրնեստինան, փոքրամարմին, բայց տասնութամյա շիկահեր այդ աղջիկը, վեր թռավ դաշնամուրի առջևից, և բոլոր երեք աղջիկներն էլ գրոհեցին խորշում դրված գահավորակի վրա ու, վերցնելով այնտեղ շարված բարձերից մեկական, հեռացան իրարից, որպեսզի հնարավոր լիներ թափ առնել, հետո շարժվեցին դեպի հակառակորդը։

Ֆորրեսթը նախապատրաստվեց, հետո ձեռքը բարձրացրեց՝ ի նշան բանակցությունների։

— Վախլուկ,— ծաղրանքով բացականչեցին աղջիկները առանձին֊առանձին և կրկնեցին միաբերան,— վախլուկ։

Նա համառորեն շարժեց գլուխը։

— Այս և ձեր մյուս բոլոր չարությունների համար երեքդ էլ կպատժվեք ըստ արժանվույն։ Այս պահին իմ առջև կուրացուցիչ պայծառությամբ հառնում են կյանքումս կրած բոլոր վիրավորանքները։ Մեկ րոպե անց կսկսեմ գործել։ Բայց ամենից առաջ, Լյութ, որպես գյուղական տնօրեն, ամենայն զգաստությամբ, որպիսին յուրահատուկ է ինձ, խնդրում եմ, ի սեր աստծո, բացատրեցեք, թե ինչ բան է այդ մենիերյան հիվանդությունը։ Ոչխարները վարակվո՞ւմ են այդ ախտով։

— Մենիերյան հիվանդությունր,— սկսեց Լյութը,— դա... դա հենց այն է, ինչով դուք տառապում եք։ Եվ միակ կենդանի արարածները, որոնց կպչում է մենիերյան հիվանդությունը, ոչխարներն են։

Հակառակորդները նետվեցին իրար վրա ու մտան կատաղի գոտեմարտի մեջ։ Ֆորրեսթը հակառակորդի վրա գրոհեց Կալիֆորնիայում ամենահարգի ֆուտբոլային հնարանքով, որն օգտագործվում էր դեռևս ռեգբիի տարածումից շատ առաջ, բայց աղջիկները, չդիմագրավելով նրան, նետվեցին թևերի կողմից և առան բարձերի կրակոցների տակ։ Նա անմիջապես շրջվեց, տարածեց ձեռքերը և, մատները ծալելով, ասես կեռիկով որսաց բոլոր երեքին միանգամից։ Այժմ արդեն դա պտուտահողմ էր, որի կենտրոնում պտտվում էր խթաններով մի մարդ, իսկ նրա շուրջը՝ մետաքսյա կիմոնոների փեշերը, այս ու այն կողմ էին նետվում մաշիկները, գիշերային գլխարկները, վարսակալները։ Լսվում էին բարձերի խուլ հարվածները, գրոհողի մռնչյունը, աղջիկների ճիչը, ծղրտոցն ու բացականչությունները, անզուսպ քրքիջը և պատառոտվող մետաքսի ճայթյունը։

Վերջապես Դիկ Ֆորրեսթը տապալվեց հատակին՝ բարձերի հարվածներից կիսախեղդ ու շշմած։ Ափում սեղմել էր պատառոտված երկնագույն մետաքսե գոտին, որի վրա հյուսված էին կարմիր վարդեր։

Դռներից մեկի շեմին կանգնել էր Ռիտան, նրա դեմքը այրվում էր. եղնիկի պես զգուշավոր՝ նա պատրաստ էր փախչելու։ Մյուս դռան մոտ՝ ոչ պակաս շնչակտուր Էրնեստինան կանգնել էր Գրակքոսների մոր հպարտ կեցվածքով. նա ամոթխածորեն փաթաթվեց իր կիմոնոյի մնացորդներով ու պարկեշտորեն արմունկով սեղմեց, որպեսզի վրայից չընկնի։ Դաշնամուրի մոտ թաքնված Լյութը փորձեց փախչել, սակայն նրան սպառնում էր Ֆորրեսթը։ Նա չորեքթաթ քայլում էր հատակին և ամբողջ ուժով ափերով հարվածում էր պարկետին ու սպառնալից պտտում գլուխը, ընդօրինակելով կատաղած ցլի մռնչոցին։

— Եվ մարդիկ էլ դեռևս հավատում են նախապատմական այն դիցաբանությանը, թե ահա, հողին հավասարեցված մարդկային խղճուկ այս խրտվիլակը, ժամանակին օգնել է Բերքլիի անձնակազմին՝ հաղթելու համար Սթենֆորդին,— հանդիսավորությամբ հայտարարեց Էրենստինան, որը գտնվում էր առավել անվտանգ վիճակում, քան մյուսները։

Էրնեստինան ծանր էր շնչում, և Ֆորրեսթը հաճույքով նկատեց նրա կրծքի թրթիռները թեթև, փայլուն, վարդագույն մետաքսի տակ։ Երբ Դիկը նայեց մյուսներին, տեսավ, որ նրանք ևս ուժասպառ են եղել։

Դաշնամուրը, որի հետև թաքնվել էր Լյութը, այնքան էլ մեծ չէր. ուներ ճերմակ գույն՝ ոսկու երանգներով, այս լուսավոր սենյակի ոճով, որը նախատեսված էր առավոտյան ժամերի համար։ Դիկը կանգնած էր պատից մի փոքր հեռու, և Լյութը կարող էր փախչել և՛ այս, և՛ այն կողմ։ Ֆոբբեսթը ցատկեց ու ձգվեց դեպի աղջիկը գործիքի լայն ու հարթ կափարիչի վրայով։ Նա ձևացրեց, թե ուզում է թռչել անցնել, գործիքի վրայով, և Լյութը սարսափահար ճչաց։

— Դիկ, խթանները... Ձեր ոտքերին խթաններ կան։

— Ուրեմն, սպասեք, մինչև հանեմ,— ասաց նա։

Հենց որ նա կռացավ, որպեսզի խթանները հանի, Լյութը՝ փախուստի փորձ կատարեց, բայց Դիկը ձեռքերը տարածեց ու նրան դարձյալ ետ մղեց դեպի դաշնամուրը։

— Նկատի ունեցեք,— գոչեց Ֆորրեսթը։— Մեղքը ձեզ վրա է։ Եթե դաշնամուրի կափարիչը քերծվի, ես կբողոքեմ Պաուային։

— Իսկ ես վկաներ ունեմ,— շնչակտուր ասաց Լյութը՝ երկնագույն, ծիծաղող աչքերի հայացքով ցույց տալով դռների մեջ կանգնած ընկերուհիներին։

— Հիանալի է, սիրելիս,— Ֆորրեսթը նահանջեց և պարզեց ձեռքերը։— Հիմա ես կբռնեմ ձեզ։

Մի ակնթարթում նա իրագործեց սպառնալիքը, ձեռքերով հենվելով դաշնամուրի կափարիչին, մարմինը կողքով նետեց գործիքի վրայով, և զարհուրելի խթանները ճերմակ ու փայլուն մակերևույթի վրայով թռան մի ֆուտ բարձրությամբ։ Եվ նույն ակնթարթին էլ Լյութը սուզվեց դաշնամուրի տակ, միտք ունենալով չորեքթաթ դուրս գալ ծուղակից, բայց գլուխը խփեց փայտին ու դեռ հարվածից ուշքի չէր եկել, երբ Ֆորրեսթն արդեն հայտնվեց մյուս կողմում և Լյութին քշեց դեպի ետ՝ դաշնամուրի տակ։

— Դուրս եկեք, դուրս եկեք, ոչինչ,— պահանջեց նա։— Եվ ստացեք ձեր վաստակած փոխհատուցումը։

—- Ողորմացեք, բարի ասպետ,— աղերսեց Լյութը։— Ողորմացեք հանուն սիրո և հանուն աշխարհի բոլոր տառապյալ գեղեցիկ աղջիկների։

— Ես ասպետ չեմ,— ցածր բասով հայտարարեց Ֆորրեսթը։— Ես մարդակեր եմ, կատաղի, անուղղելի մարդակեր։ Ծնվել եմ ճահճում։ Հայրս եղել է մարդակեր, իսկ մայրս՝ առավել զարհուրելի մարդակերուհի։ Ես ննջել եմ հոշոտվող մանուկների ճիչերի տակ։ Ես եղել եմ անիծյալ և դատապարտյալ։ Սնվել եմ միայն Միլլի պանսիոնի կույսերի արյունով։ Ամենից հաճույքով ես կերել եմ փայտե հատակին նստած, իմ ամենասիրելի կերակուրը եղել է երիտասարդ աղջկա կողը, իմ գլխին տանիք է եղել դաշնամուրը։ Իմ հայրը եղել է ոչ միայն մարդակեր, այլև ձիագող։ Իսկ ես հորիցս ավելի կատաղի եմ, իմ ատամները շատ մեծ են։ Մարդակերությունից բացի, մայրս Նեվադա նահանգում զբաղվել է գրքերի տարածմամբ և նույնիսկ տիկնանց հանդեսների բաժանորդագրությամբ։ Պատկերացրեք, ինչպիսի ամոթ։ Բայց ես ավելի վատթար եմ, քան մայրս, ես զբաղվել եմ անվտանգ ածելիների վաճառքով։

— Մի՞թե ոչինչ չի կարող փափկացնել ու հմայել ձեր դաժան սիրտը,— պաղատեց Լյութը, միևնույն ժամանակ պատրաստվելով առաջին իսկ հարմար առիթով փախչել։

— «Միայն մի բա՜ն, օ՜ դժբա՛խտ։ Միայն մի բան, և երկնքում, և երկրի վրա, և ծովի ալիքներում»։

Էրնեստինան ընդհատեց նրան դժգոհության բացականչությամբ. ախր դա գրագողություն էր։

— Գիտեմ, գիտեմ,— շարունակեց Ֆորրեսթը։— Տես Էրնստ Դոսոն, էջ քսանյոթ. Միլլի պանսիոնում փակված աղջնակների համար լղրճուկ բանաստեղծություններով, լղրճուկ այդ գիրքը։ Ուրեմն, մինչև ինձ ընդհատելը, ես ի լուր ամենքի ասում էի. միակ բանը, որ կարող է փափկացնել ու հանգստացնել իմ կատաղի սիրտը, դա «Կույսի աղոթքն» է։ Լսեցեք, օ դժբախտ արարածներ, քանի դեռ ձեր ականջները չեմ կրծոտել առանձին-առանձին և միանգամից։ Լսեցեք նաև դուք, հիմար ու գեր, կարճոտն ու այլանդակ կին, որ թաքնվել եք դաշնամուրի տակ։ Կարո՞ղ եք դուք կատարել «Կույսի աղոթքը»։

Պատասխան չեղավ։ Այդ պահին երկու դռներից էլ լսվեցին հիացական ճիչեր, և Լյութը դաշնամուրի տակից ձայն տվեց ներս մտնող Բերթ Ուեյնռայթին.

— Օգնեցե՛ք, ասպե՛տ, օգնեցե՛ք։

— Բաց թող կույսին այս,— հրամայեց Բերթը։

— Իսկ դո՞ւ ով ես,— հարցրեց Ֆորրեսթը։

— Ես Ջորջ թագավորն եմ, այսինքն՝ սուրբ Գևորգը։

— Ինչ արած։ Այդ դեպքում ես էլ քո վիշապն եմ,— պատշաճ հնազանդությամբ ասաց Ֆորրեսթը։— Սակայն խնդրում եմ, խնայիր այս հինավուրց, արժանի և անգնահատելի գլուխը, քանի որ մեկ ուրիշը չունեմ։

— Գլխատեցե՛ք նրան,— հրամայեցին երեք հակառակորդները։

— Համբերեցեք, ո՛վ կույսեր, աղաչում եմ ձեզ,— շարունակեց Բերթը։— Թեև ես ոչնչություն եմ, սակայն ինձ համար սարսափ գոյություն չունի։ Ես կբռնեմ վիշապի մորուքը և նրան կխեղդեմ իր իսկ մորուքով, և մինչ նա դանդաղ կփչի շունչը, անիծելով իմ դաժանությունն ու անողոքությունը, դուք, գեղեցիկ կույսեր, փախեք դեպի սարերը, որպեսզի հովիտները չկտրեն ձեր ճամփան։ Յոլոյին, Պեթալումեին և Արևմտյան Սաքրամենթոյին սպառնում են օվկիանոսային ալիքներն ու վիթխարի ձկները։

— Գլխատեցե՛ք նրան,— գոչեցին աղջիկները։— Իսկ հետո պետք է մաշկել ու ողջ֊ողջ խորովել։

— Ի՜նչ անողոք են նրանք։ Վա՜յ ինձ,— հառաչեց Ֆորրեսթը։— Վերջս եկել է։ Ահավասիկ, հազար ինը հարյուր տասնչորս թվականի երիտասարդ կույսերի քրիստոնեական զգացմունքները։ Ու նրանք դեռ մի գեղեցիկ օր էլ կմասնակցեն քվեարկության, եթե մի քիչ էլ մեծանան ու օտարերկրացիների հետ չամուսնանան։ Գլխատիր ինձ, սուրբ Գևորգ։ Իմ երգը երգված է։ Ես կմեռնեմ ու ընդմիշտ անհայտ կմնամ սերունդների համար։

Այստեղ Ֆորրեսթը, բարձրաձայն հառաչելով ու հեծկլտալով, պառկեց հատակին, սկսեց շատ բնական գալարվել ու քացիներ տալ, հուսահատորեն զրնգացնելով խթանները, և վերջապես շունչը փչեց։

Լյութը դուրս եկավ դաշնամուրի տակից և Ռիտայի ու Էրնեստինայի հետ կատարեցին հանպատրաստի մի պար. այդ ֆուրիաներն էին պարում սպանվածի դիակի վրա։

Սակայն սպանվածը հանկարծ վեր թռավ։ Նա Լյութին ծածուկ նշան արեց ու գոչեց.

— Իսկ հերո՜սը։ Հերոսին մոռացել եք։ Ծաղիկներով պսակեք նրան։

Եվ Բեբթի վրա տեղացին արդեն թոշնած կակաչներ, որոնք նախորդ օրից դրված էին սափորներում։ Բայց երբ Լութի ուժեղ ձեռքը թաց ցողունների փունջը խոթեց նրա օձիքից ներս, Բերթը փախավ։ Հետապնդման աղմուկը խուլ կերպով տարածվեց հոլլով մեկ ու աստիճանաբար հեռացավ սանդուղքներով դեպի վար, դեպի բիլիարդանոցի կողմը։ Իսկ Ֆորրեսթը ոտքի ելավ, կարգի բերեց վրան֊գլուխը, որքան կարող էր, և, ժպտալով ու զրնգացնելով խթանները, շարունակեց իր ճանապարհը Մեծ տան մեջ։

Նա անցավ աղյուսով սալարկած և իսպանական կղմինդրով ծածկված երկու փոքրիկ բակերով, որոնք թաղված էին ծաղկող թփուտների վաղ սաղարթի մեջ, ու, դեռևս ծանր շնչելով ուրախ խազից հետո, վերադարձավ իր կողաշենքը, ուր նրան էր սպասում քարտուղարը։

— Բարի լույս, միստր Բլեյք,— ողջունեց նրան Ֆորրեսթը։— Ներեցեք, որ ուշացա։— նա նայեց ձեռքի ժամացույցին։— Ի դեպ, միայն չորս րոպե։ Ավելի շուտ ազատվել ինձ չհաջողվեց։

ԳԼՈԻԽ IV

Ժամը իննից մինչև տասը Ֆորրեսթն ու նրա քարտուղարը զբաղվեցին զանազան գիտական ընկերությունների, բուծարանների և գյուղատնտեսական կազմակերպությունների հետ ունեցած գրագրություններով։

Առանց քարտուղարի աշխատող շարքային բիզնեսմենից այդ դործը կխլեր ամբողջ օրը։ Բայց Դիկ Ֆորրեսթը իրեն դրել էր իր իսկ ստեղծած մի այնպիսի համակարգի կենտրոնում, որի առիթով ծածուկ շատ էր հպարտանում։ Կարևոր նամակներն ու թղթերը նա անձամբ էր ստորագրում, մյուս բոլոր գրագրությունների վրա միստր Բլեյքը դնում էր Ֆորրեսթի շտամպը։ Մեկ ժամվա ընթացքում մանրամասն պատասխաններ սղագրեց մի շարք նամակների համար և պատրաստի պատասխանների ձևակերպումներ՝ մյուսների համար։ Հոգու խորքում միստր Բլեյքը համոզված էր, որ ինքն աշխատում է շեֆից, շատ անգամ ավելի, և որ վերջինս իսկական ֆենոմեն է իր ծառայողների համար գործ ստեղծելու բնագավառում։

Ճիշտ ժամը տասին ներս մտավ Փիթմենը՝ ցուցահանդեսային անասունների գծով կոնսուլտանտը, և Բլեյքը գնաց իր գրասենյակը՝ տանելով նամակների կապուկը, թղթերն ու դիկտոֆոնի գլանիկները։

Տասից մինչև տասնմեկը անդադար ներս ու դուրս էին անում կառավարիչներն ու տնտեսվարները։ Բոլորն էլ վարժված էին, կարողանում էին խոսել կարճ ու խնայել ժամանակը։ Դիկ Ֆորրեսթը նրանց սովորեցրել էր, որ երբ գալիս են զեկուցումով կամ առաջարկությամբ, երկմտելն ու մտմտալն արդեն ուշ է. պետք է ամեն բան վաղօրոք կշռադատել։ Ժամը տասին Բլեյքին փոխարինում էր քարտուղարի օգնական Բոնբրայթը. նստում էր շեֆի կողքին, և նրա անհանգիստ մատիտը սահելով թղթի վրայով, գրառում էր կրակի պես տեղացող հարցերն ու պատասխանները, ծրագրերն ու առաջարկությունները։ Այդ սղագրությունները, որոնք հետո վերծանվում և երկու օրինակով մեքենագրվում էին, իսկական մղձավանջ էին կառավարիչների ու տնտեսվարների համար, իսկ երբեմն էլ կատարում էին նեմեզիդային դեր։ Ֆորրեսթն ինքն էլ զարմանալի հիշողություն ուներ, սակայն սիրում էր այդ բանն ապացուցել հիմնվելով Բոնբրայթի գրագրությունների վրա։

Շատ հաճախ նրա հետ ունեցած հինգ կամ տասը րոպեանոց խոսակցությունից հետո ծառայողը հեռանում էր քրտինքի մեջ կորած, ծեծված ու ջարդված, ասես մսաղացի միջով անցած լիներ։ Այդ կարճ, բայց չափազանց լարված ժամվա ընթացքում Ֆորրեսթն ամեն մեկի նկատմամբ ցուցաբերում էր իսկական իշխանություն, խորանալով յուրաքանչյուրի առանձնահատուկ, բարդ բնագավառի բոլոր մանրամասների մեջ։ Այսպես օրինակ՝ մեքենագետ Թոմփսոնին չորս սրընթաց րոպեում նա բացատրեց, թե ինչու է Մեծ տան սառնարանի դինամոն սխալ աշխատում, ընդգծելով, որ այդ բանի համար մեղավորը ինքը Թոմփսոնն է. Բոնբրայթին ստիպեց գրել գլուխն ու էջը գրադարանում գտնվող այն գրքի, որն այս առիթով պետք է կարդար Թոմփսոնը. հայտնեց նրան, որ Փարքմենը՝ կաթի ֆերմայի կառավարիչը, դժգոհ է կթելու մեքենաներից, և որ սպանդանոցի սառնարանն էլ աշխատում է ընդհատումներով։

Նրա ծառայողներից ամեն մեկը ի՛ր բնագավառի մասնագետ էր, բայց Ֆորրեսթը, ընդհանուրի խոստովանությամբ, ամեն բան գիտեր։ Այսպես, Փոլսոնը՝ վարուցանքի պատասխանատու հողագետը, բողոքում էր Դոսոնին՝ բերքահավաքի պատասխանատու հողագետին.

— Ես տասներկու տարի այստեղ եմ աշխատում ու չեմ նկատել, որ Ֆորրեսթը երբևէ ձեռք տված լինի գութանին, բայց չնայած դրան, գրողը նրան տանի, այդ գործում շան միս է կերել։ Գիտե՛ք, նա իսկական հանճար է։ Այսպիսի մի դեպք պատահեց, նա ինչ-որ բանով էր զբաղված և միևնույն ժամանակ ստիպված հետևում էր, որպեսզի Ֆուրիան որևէ վտանգավոր խաղ չխաղա, իսկ հետևյալ օրը խոսակցության մեջ նա ասես թռուցիկ կերպով նկատեց, թե դաշտը, որի մոտով անցել է, հերկված է այսքան դյույմ խորությամբ, և, ի դեպ, խորությունն ասաց կես դյույմ ճշտությամբ, ու վարել են ինչ֊որ սիստեմի գութանով... Վերցրեք հենց Փոպպի Մեդոու հողաբաժինը. գիտեք, այն, որ Լիթլ Մեդոուի վրա է, Լոս-Քվատոսում... Ես ուղղակի չգիտեի, թե ինչ անեմ, ստիպված եղա շրջելու նաև աղուտը։ Է՛հ, մտածում եմ, մի կերպ կանցկացնեմ։ Երբ ամեն բան արդեն վերջացած էր, նա անցավ այդ կողմերով։ Աչքս վրայից չեմ կտրել, իսկ նա կարծես դաշտին էլ չնայեց, բայց հետևյալ օրն առավոտյան գրասենյակում ինձ այնպե՜ս շշպռեց... Ո՛չ, ինձ չհաջողվեց նրա աչքին թոզ փչել։ Դրանից հետո այլևս չեմ էլ փորձել...

Ճիշտ տասնմեկին Ուորդմենը՝ մասնագետ ոչխարաբույծը, գնաց, Ֆորբեսթից հրաման ստանալով տասնմեկանց կեսին Թեյերի՝ այդահոյցի գնորդի հետ, մեքենայով մեկնել հրոփշիրյան ոչխարները տեսնելու։ Գնաց նաև Բոնբրայթը, որպեսզի վերծանի այսօր կատարած գրառումները։ Վերջապես, Ֆորրեսթը մենակ մնաց։ Մետաղյա ցանցատուփից, որտեղ պահվում էին անավարտ գործերը (այդպիսի ցանցատուփերը շատ էին, և հինգ-հինգ շարված էին իրար վրա), նա վերցրեց Այհովա նահանգում հրատարակված գրքույկը խոզերի ժանտախտի մասին ու սկսեց թերթել։

Քառասնամյա Ֆորրեսթի տեսքը բավականին պատկառելի էր։ Բարձր հասակ, մեծ, մոխրագույն ալքեր, մուգ թարթիչներ և ունքեր, ուղիղ, ոչ շատ լայն ճակատ, բաց֊շագանակագույն մազեր, թեթևակի ընդգծված այտոսկրներ և դրանց տակ՝ գանգի այդօրինակ կառուցվածքի համար սովորական նուրբ փոսիկներ, ամուր, բայց ոչ մեծ ծնոտ, նուրբ քթանցքներ, ուղիղ, ոչ շատ խոշոր քիթ, թեք, բայց թեթև ու ոչ կրկնակի կզակ, մեղմ գծագրված, գրեթե կանացի շուրթեր, բայց զգացվում է, որ դրանք կարող են ընդունել շատ խիստ արտահայտություններ։ Դեմքի մորթը՝ հարթ, արևախանձ, և միայն ունքերի վրա, այնտեղ, որտեղ ընկել է լայնեզր գլխարկի ստվերը, ճակատը մնացել է ճերմակ։

Բերանի և աչքերի անկյուններում թաքնված էր ծիծաղը, իսկ շուրթերի շուրջը եղած կնճիռները թվում էին հենց նոր անհետացած ժպիտի հետքերը։ Դրա հետ մեկտեղ այդ մարդու յուրաքանչյուր դիմագիծը խոսում էր անվրդով ուժի և ինքնավստահության մասին։ Այո, Դիկ Ֆորրեսթն ինքնավստահ էր. համոզված էր, երբ ձեռքը պարզի դեպի սեղանը, անհրաժեշտ իրը չվերցնելու համար, ապա առանց սխալվելու և մի ակնթարթում կգտնի այդ իրը հատկապես այնտեղ, որտեղ պետք է լիներ, ոչ մի դյույմ աջ կամ ձախ. վստահ էր, որ իր պայծառ և ուշադիր ուղեղը ոչ մի էական բան բաց չի թողնի խոզերի ժանտախտի մասին գրքույկը աչքի անցկացնելիս. վստահ էր իր ուժեղ մարմնի վրա, երբ, գրասեղանի առջև պտտվող բազկաթոռին նստած, հենվում էր ամուր թիկնակին, վստահ էր իր սրտի և խելքի, իր կյանքփ ու աշխատանքի վրա, հենց իր և այն ամենի վրա, ինչ պատկանում էր իրեն։

Եվ նա ուներ իրավունք այդպիսի վստահության. նրա մարմինը, ուղեղն ու կյանքի ուղին բազում փորձություններ էին ապրել։ Լինելով մեծահարուստ ծնողների որդի՝ նա երբեք չէր մսխում հոր դրամները։ Նա ծնվել ու դաստիարակվել էր քաղաքում, բայց վերադարձավ դեպի հողը և այնպիսի հաջողությունների հասավ, որ անասնապահները, ուր էլ հանդիպելիս լինեին իրար, անպայման հիշատակում էին նրա անունը։ Նրա վիթխարի կալվածքը զերծ էր պարտքերից ու գրավներից։ Նա տնօրենն էր երկու հարյուր հիսուն հազար ակր հողի, որի արժեքը կազմում էր ակրը հազարից մինչև հարյուր դոլլար և հարյուր դոլլարից մինչև տասը սենթ, ընդ որում կային նաև այնպիսի հողեր, որոնք մի պեննի էլ չարժեին։ Տեղի գյուղացիները չէին էլ պատկերացնում, թե ինչպիսի գումարներ էր նա ծախսում այդ վարելահողերի մշակման ու պարարտացման, մարգագետիններն ու ճահիճները չորացնելու, ճանապարհներ ու ոռոգման ջրանցքներ անցկացնելու, շինություններ կառուցելու և Մեծ տունը պահելու համար։

Նրա տնտեսության մեջ ամեն բան մինչև վերջին մանրուքը լավ հիմքերի վրա էր դրված ու միևնույն ժամանակ լիովին համապատասխանում էր գիտության վերջին խոսքին։ Նրա կառավարիչները անվճար ապրում էին այն տներում, որոնք արժեին հինգից տասը հազար դոլլար, իսկ աշխատավարձն ստանում էին իրենց կարողությունների համաձայն. դրանք Ատլանտյան օվկիանոսից մինչև խաղաղականը ընկած ողջ մայրցամաքից հավաքած լավագույն մասնագետներ էին։ Եթե նրան անհրաժեշտ էին լինում բենզինային տրակտորներ ցածրավայրերը վարելու համար, միանգամից գնում էր մեծ քանակությամբ։ Իսկ եթե սարերում ջուր էր ուզում կապել, ապա կառուցում էր վիթխարի ամբարտակներ, ստեղծում էր մինչև միլիարդ գալլոն ջրատարողությամբ իսկական լճեր։ Եթե Դիկը չորացնում էր ճահիճները, ապա, այդ գործը հատուկ կազմակերպություններին պատվիրելոլ փոխարեն, ինքն էր ձեռք բերում հզոր հողահան մեքենաներ, իսկ երբ սեփական կալվածքում նման գործերը ավարտվում էին, ապա կապալով հանձն էր առնում չորացնել հարևան խոշոր ֆերմերների ճահճուտները և հողային ընկերությունների ու կորպորացիաների հետ պայմանագրեր էր կնքում Մեծ տնից հարյուրավոր մղոններ հեռավորության վրա, Սաքրամենթո գետի վերին ու ներքին հոսանքներում։

Նա բավականին խելացի էր ու հասկանում էր, որ առանց օտար խելքի յոլա չի գնա և, որ գնելով այդ օտար խելքերը, ամենաընդունակներին ստիպված է շատ ավելի վճարել, քան շուկայական սովորական գներն են. նա այնքան խելացի էր, որ կարողանում էր իր գնած խելքերր ծառայեցնել սեփական շահերի համար։

Ահավասիկ, նա արդեն քառասուն տարեկան էր. նրա հայացքը պայծառ էր, սիրտն աշխատում էր համաչափ, նա իրեն առողջ էր զգում և ուժերի ծաղկման շրջան էր ապրում։ Սակայն մինչև երեսուն տարեկան հասակը նա ապրել էր անկարգ ու խենթավուն մի կյանք։ Տասներեք տարեկան հասակում փախել էր տնից, որը թողել էր միլիոնատեր հայրը, երբ դեռ քսանմեկ տարեկան էլ չկար, ավարտեց համալսարանր, իսկ հետո վճռեց բավարարություն տալ բոլոր հեքիաթային նավահանգիստները և հեքիաթային ծովերը տեսնելու իր գայթակղությանը։ Ողջախոհ գլխով ու կրակվող սրտով նա ծիծաղով էր դիմում ամեն տեսակի համարձակ քայլի, միայն թե ստանար ցանկալին, և խորասուզվեց արկածների այն եռուն կյանքի մեջ, որը բառացիորեն նրա աչքերի առաջ համենայն դեպս ստիպված էր ենթարկվելու օրենքին ու կարգուկանոնին։

Վաղեմի օրերին Ֆորրեսթի հոր անունը Սան֊Ֆրանցիսկոյում մոգական ուժ ուներ։ Նոբ֊Հիլլոլմ գտնվււղ Ֆորրեսթների տունը, որի հարևանությամբ ապրում էին այնպիսի մարդիկ, որպիսին էին Ֆլուդները, Մաքքեյները, Քրոքերները և Օ'Բրայենները, այստեղ կառուցված առաջին պալատներից էր։ «Բախտավոր» անվանյալ Դիկի հայրը՝ Ռիչարդ Ֆորրեսթը, այստեղ էր ժամանել նոր Անգլիայից Պանամայի պարանոցի վրայով՝ հող որոնելու իր համարձակ առևտրական ձեռնարկությունների համար. մեկնումից առաջ նա հետաքրքրվել էր արագընթաց նավերով և արագընթաց նավերի շինարարությամբ, իսկ Կալիֆորնիայում սկսեց հեաաքրքրվել նավահանգստի շրջանում գտնվող հողամասերով ու գետնանավերով, հետո, իհարկե, հանքերով, իսկ ավելի ուշ՝ Նևադայի Քոմսթոկի չորացման աշխատանքներով ու Հարավ-Խաղաղօվկիանոսյան երկաթուղու շինարարությամբ։

Նա միայն խոշոր գործարքներ էր կատարում. խոշոր գումարներ տանուլ էր տալիս և խոշոր գումարներ էր միայն շահում։ Բայց միշտ էլ շահում էր ավելի, քան տանուլ էր տալիս, քանզի այն, ինչ տանուլ էր տալիս մի խաղում, մեկ ուրիշ դեպքում վերադարձնում էր բազմապատկված։ Քոմսթոկը չորացնելու վրա շահած դրամը ամբողջովին հատկացվեց Էլդորադո օկրուգի անհատնում Դաֆֆոդիլյան հանքերին։ Այն ամենը, ինչ նրան հաջողվեց փրկել Բենիշ֊Լայնի տապալումից, նա դրեց «Նապա Քոնսոլիդեյթեգ» սնդիկի հանքերի վրա, որոնք հինգ հազար տոկոս շահույթ բերեցին։ Իսկ սթոքթոնյան բումի ժամանակ կորցրածը նա ետ բերեց դարձյալ շահույթով՝ հողամասեր գնելով Սաքրամենթոյում և Օքլենդում։

Իսկ երբ այս բոլոր ավանտյուրաների վրա «Բախտավոր» Ֆորրեսթը իր մի շարք ձախորդություններից հետո կորցրեց ողջ կարողությունը, և գործն հասավ մինչև այնտեղ, որ Սան֊Ֆրանցիսկոյում արդեն քննարկում էին, թե Նոբ-Հիլլի ապարանքը աճուրդի հանելու դեպքում ինչպիսի գնով կվաճաովի, նա ոմն Դել Նելսոնի ամեն բանով ապահովեց դեպի Մեքսիկա արշավ կազմակերպելու համար։ Այդ արշավի արդյունքում, նույնիսկ պատմության ողջամիտ տվյալնեներով, հայտնի է, որ Դել Նելսոնը հայտնագործել է ոսկու այնպիսի հարուստ հանքավայրեր, ինչպիսիք են «Հարվեսթ խումբը», Թեթլսնեյք, Վոյս, Սիթի, Դեզդեմոնա, Բուլլֆրոգ և Ելլոու-Բոյ անհատնում հանքավայրերը։ Այդ հաջողությունից շշմած Դել Նելսոնը մեկ տարվա ընթացքում խմեց էժանագին վիսկու մի հսկա ծով. ու քանի որ ժառանգության ոչ մի հավակնորդ չկար, որովհետև նա բոլորովին միայնակ էր, ուստի նրա ձեռնարկության փայաբաժինը ոտացավ «Բախտավորը»՝ Ռիչարդ Ֆորրեսթը։

Դիկ Ֆոբրեսթը իր հոր, անսպառ եռանդի ու գործարար այդ մարդու, «Բախտավոր» Ռիչարդի իսկական զավակն էր։ Թեև հայրը երկու անգամ ամուսնացել ու երկու անգամ էլ այրի էր մնացել, սակայն աստված սերունդ չէր շնորհել նրան։ Երրորդ անգամ Ռիչարդն ամուսնացավ 1872 թվականին, երբ արդեն հիսունութ տարեկան էր, իսկ 1874 թվականին ծնվեց առողջ ու աղմկարար, տամներկու ֆունտ քաշով մի տղա։ Ճիշտ է, այդ զավակը իր ծնունդով արժեցավ մոր կյանքին։ Նորածինը անցավ Նոր֊Հիլլ ապարանքում բնակություն հաստատած տասնյակ ծծմայրերի ու դայակների խնամքի տակ։

Փոքրիկ Դիկը վաղ զարգացավ։ «Բախտավոր» Ռիչարդը դեմոկրատ էր։ Տղայի համար ուսուցիչ վարձեցին, և նա մեկ տարվա ընթացքում սովորեց այն ամենը, ինչի վրա դպրոցում կկորցներ երեք տարի, իսկ այս կերպ շահած ժամանակը նվիրում էր բացօթյա խաղերին։ Դիկի ընդունակություններն ու հոր դեմոկրատիզմը պատճառ հանդիսացան, որ ծերունին որդուն ուսանելու ուղարկեց սովորական ժողովրդական դպրոցի վերջին դասարանը. թող տղան այնտեղ շփվի բանվորների և առևտրականների, տնակյաց քաղաքագետների ու պանդոկապանների երեխաների հետ։

Դպրոցում նա մի սովորական աշակերտ էր մյուս աշակերտների մեջ, և հոր բոլոր միլիոնները չէին կարող ժխտել այն փաստը, որ ոչ թե նա, այլ աղյուսներ մատակարարող Փեթսի Հլլորենի որդին ցուցաբերեց իր հրաշք-երեխայի ընդունակությունները մաթեմատիկայի բնագավառում, իսկ Մոնա Սանգվինետտին, որի մայրը կանաչի վաճառող էր, ուղղագրության մեջ ռեկորդսմենուհի էր։ Դիկին չօգնեցին ոչ հորենական միլիոնները, ոչ էլ Նոբ-Հիլլի ապարանքը նաև այն ժամանակ, երբ նա, կուրտկան մի կողմ նետած, մերկ բռունցքներով, առանց ռաունդների և կանոնների, չխնայելով ուժերը, կռվում էր մերթ Ջիմմի Բաթսի, մերթ Ջան Շոինսկու և մյուս տղաների՝ այն խիզախ ու ամուր սերնդի ներկայացուցիչների հետ, որոնք կարող էին մեծանալ միայն Սան֊Ֆրանցիսկոյում, Դիկի հախուռն ու մարտական, հզոր ու առողջ պատանեկության շրջանում, այն սերնդի, որից հետագայում աճեցին փառքի ու դրամի հետևից ողջ երկրով մեկ ցրված այդքան բռնցքամարտիկներ։

Ամենախելացի բանը, որ «Բախտավոր» Ֆորրեսթը կարողացավ անել որդու համար, դա նրան դեմոկրատական խմորում տալն էր։ Հոգու խորքում Դիկը երբեք չէր մոռանում այն, որ ինքն ապրում է տասնյակներով ծառաներ ունեցող ապարանքում, և որ իր հայրը հզոր ու ազդեցիկ միլիոնատեր է, բայց միևնույն ժամանակ նա սովորեց հարգել դեմոկրատիան ու մարդկանց, որոնք պետք է հույսները իրենց և իրենց ձեռքերի վրա դնեն։ Նա այդ բանը սովորեց այն ժամանակ, երբ ուղղագրության դասարանական մրցույթի ժամանակ հաղթեց Մոնա Սանգվինետտին, իսկ Բերնի Միլլերը նրանից առաջ անցավ վազքի մրցության մեջ։

Ու երբ Թիմ Հեգենը արդեն քանիերորդ անգամ ջնջխեց նրա քիթ ու մռութը և, արևահյուսակին մի շարք հարվածներ տեղալով, տապալեց շշմած ու շնչահեղձ տղային, և Դիկն էլ ֆսսացնում ու չէր կարողանում շարժել ուռած շրթունքները, ապա ոչ մի ապարանք ու չեքային գրքույկներ չէին կարող օգնել նրան։ Անձամբ ինքը իր բռունցքներով պետք է պաշտպաներ իրեն։ Հատկապես այստեղ, քրտնաթոր ու արյունաշախաղ Դիկը սովորեց համառ պայքարին և չհանձնվելու հմտությանը նույնիսկ այն դեպքում, երբ ճակատամարտը տանուլ էր տրված։ Թիմի հարվածները զարհուրելի էին, բայց Դիկը դիմանում էր։ Նա դիմացավ այնքան ժամանակ, մինչև եկան այն եզրակացության, թե ոչ մեկը մյուսին չի հաղթի։ Բայց այդ եզրակացության նրանք եկան, երբ երկուսն էլ հալից ընկած պառկել էին գետնին՝ հեծկլտալով ցավից ու սրտախառնուքից, կատաղությունից ու համառությունից։ Դրանից հետո նրանք մտերմացան ու դպրոցի բակում միասին էին տիրություն անում։

«Բախտավոր» Ռիչարդ Ֆորրեսթը մեռավ ճիշտ այն ամսին, երբ Դիկն ավարտեց դպրոցը։ Դիկի տասներեք տարին նոր էր լրացել, ուներ քսան միլիոն ու ոչ մի ազգական, որը կարողանար միջամտել նրա կյանքին։ Բացի այդ, նա ուներ ապարանքներ, ծառաների վիթխարի բազմություն, շոգեշարժ զբոսանավ, ախոռներ ու ամառային վիլլա՝ ծովափին, թերակղզու հարավում։ Մենլոյում՝ Նաբոբների գաղութ։ Այս ամենի հետ նա ստացավ միայն մի կաշկանդող հավելում. դա նրա խնամատարներն էին։

Եվ ամառային մի օր, մեծ գրադարանում, Դիկը ներկա գտնվեց խնամատարների առաջին խորհրդակցությանը։ Դրանք երեք հոգի էին. տարիքն առած, հարուստ իբավաբաններ ու բիզնեսմեններ, բոլորն էլ հոր նախկին գործընկերները։ Երբ նրանք Դիկին շարադրեցին գործերի վիճակը, տղան զգաց, որ, չնայած խնամատարների ամենաբարի միտումներին, ինքը նրանց հետ բացարձակապես ոչ մի շփման կետ չունի։ Ախր նրանց պատանեկությունը շատ հեռու էր մնացել։ Բացի այդ, տղային բացարձակապես հայտնի էր, որ հենց իրեն, այդ փոքրիկ մանչուկին, որի ճակատագրով այդքան մտահոգված են, տարիքն առած տղամարդիկ բոլորովին չեն հասկանում։ Այդ իսկ պատճառով Դիկն իրեն հատուկ վճռականությամբ որոշեց, որ ամբողջ աշխարհում միայն ինքը գիտե, թե իր համար ինչն է ամենից լավ։

Միստր Քրոքետը մի երկար ճառ ասաց, և Դիկը նրան լսեց պատշաճ ու զգուշավոր ուշադրությամբ, միշտ գլխով անելով այն դեպքում, երբ խոսողը դիմում էր անձամբ իրեն։ Միստր Դեվիդսոնն ու միստր Սլոքումը ևս արտահայտեցին իրենց կարծիքները, և տղան նրանց վերաբերվեց ոչ պակաս հարգանքով։ Ի միջի այլոց, Դիկը նրանց խոսքերից իմացավ, թե որքան հրաշալի ու ազնիվ մարդ է եղել իր հայրը, և իմացավ նաև, թե խնամատարները ինչպիսի ծրագիր են մշակել, որպեսզի տղան ևս դառնա նույնքան հրաշալի ու ազնիվ մարդ։

Երբ նրանք ավարտեցին իրենց բացատրությունները, խոսք վերցրեց Դիկը։

— Ես ամեն բան մտածել եմ,— հայտարարեց նա,— նախ և առաջ գնում եմ ճանապարհորդելու։

— Ճանապարհորդությունները՝ հետո, տղաս,— քնքշորեն բացատրեց միստր Սլոքումը։— Երբ... երբ դուք կնախապատրաստվեք համալսարանի համար... ձեզ շատ օգտակար կլինի, այո, այո, չափազանց օգտակար... մի տարով արտասահմանում լինելը։

— Բնական է,— աճապարանքով մեջ մտավ միստր Դեվիդսոնը, նկատելով որ տղայի աչքերում բռնկվեց դժգոհությունը, և անգիտակցված համառությամբ սեղմվեցին շուրթերը,— բնական է, կարելի կլինի մինչ այդ էլ փոքրիկ ուղևորություններ կատարել, օրինակ՝ արձակուրդի ժամանակ... Իմ կոլեգաները, հավանաբար, կհամաձայնեն, որ նման ուղևորությունները,— բնական է, համապատասխան ղեկավարությամբ և անհրաժեշտ խնամքի դեպքում,— որ նման ուղևորությունները արձակուրդի շրջանում կարող են լինել նպաստավոր և նույնիսկ ցանկալի։

— Իսկ որքա՞ն դրամ ունեմ ես, ասում եք,— ուղղակի հարցրեց Դիկը։

— Ամենահամեստ հաշիվներով՝ քսան միլիոն... այո, մոտավորապես այդքան,— առանց երկար֊բարակ մտածելու պատասխանեց միստր Քրոքետը։

— Իսկ եթե ձեզ հայտնեմ, որ հիմա ինձ անհրաժեշտ է հարյուր դոլլա՞ր,— շարունակեց Դիկը։

— Բայց դա... բը՜մ...— և միստր Սլոքումը հարցական նայեց իր կոլեգաներին։

— Մենք ստիպված կլինեինք հարցնել, թե ձեր ինչի՞ն է պետք այդ գումարը,— պատասխանեց միստր Քրոքետը։

— Իսկ եթե ես...— շատ դանդաղ ասաց Դիկը՝ նայելով միստր Քրոքետի աչքերի մեջ,— եթե ես պատասխանեմ, որ ցավոք, չեմ կարող բացատրե՞լ, թե ինչու է պետք...

— Այդ դեպքում դուք գումարը չէիք ստանա,— պատասխանեց միստր Քրոքետը բավականին վճռականորեն, և նրա պատասխանում նկատվեց նույնիսկ որոշակի բարկացկոտ տոն ու սրտնեղություն։

Դիկը մտախոհ գլխով արեց՝ ասես կամենալով հիշել այդ պատասխանը։

— Դե՛հ, բարեկամս,— աճապարանքով միջամտեց միստր Սլոքումը,— դուք, իհարկե, դեռ շատ երիտասարդ եք, որպեսզի կարողանաք տնօրինել ձեր դրամը, ինքներդ էլ հասկանում եք։ Եվ առայժմ, մենք կոչված ենք այդ բանն անելու ձեր փոխարեն։

— Ուրեմն, առանց ձեր թույլտվության ես թեկուզ մեկ պեննի չե՞մ կարող վերցնել։

— Ոչ մի պեննի,— կարճ կտրեց միստր Քրոքետը։

Դիկը Դարձյալ մտախոհ շարժեց գլուխն ու մրմնջաց։

— Օ, այո, հասկանում եմ...

— Իհարկե, միանգամայն բնական է և նույնիսկ իրավացի, որպեսզի դուք անձնական ծախքերի համար մի փոքրիկ գումար ունենաք ձեր գրպանում,— ավելացրեց միստր Դևիդսոնը։— Ասենք՝ շաբաթական մեկ կամ երկու դոլլար՝ հասակ առնելու հետ կարելի է այդ գումարն էլ ավելացնել։ Իսկ երբ դառնաք քսանմեկ տարեկան, դուք, անտարակույս, ի վիճակի կլինեք ձեր գործերը տնօրինել ինքնուրույն կերպով, բնական է, որ մենք էլ կօգնենք ձեզ մեր խորհուրդներով։

— Ու չնայած քսան միլիոն ունեմ, բայց և այնպես, մինչև քսանմեկ տարեկան հասակս չե՞մ կարող նույնիսկ հարյուր դոլլար վերցնել ու ծախսել, ինչպես ես կուզենայի,— խոհեմորեն հարցրեց Դիկը։

Միստր Դեվիդսոնը հաստատական պատասխան տվեց, սակայն բավականին մեղմ արտահայտություններ ընտրելով։ Եվ Դիկը նորից խոսեց.

— Որքան հասկանում եմ, ես կարող եմ փող ծախսել միայն ձեր միացյալ որոշումից հետո՞։

Խնամատարները գլխով արեցին։

— Եվ այն ամենը, ինչի մասին համաձայնություն կայացնեք, կունենա՞ իր ուժը։

Եվ խնամատարները դարձյալ գլխով արեցին։

— Ուրեմն, ես կուզենայի հիմա հարյուր դոլլար ստանալ,— հայտարարեց Դիկը։

— Իսկ ինչի՞ համար,— հետաքրքրվեց միստր Քրոքետը։

— Ես ձեզ կասեմ, իհարկե,— անվրդով ու լրջորեն պատասխանեց տղան։— Ես գնում եմ ճանապարհորդելու։

— Դուք այսօր ճիշտ ժամը ութն անց կեսին քնելու կգնաք, և ուրիշ ոչ մի տեղ,— խստորեն, հատ֊հատ ասաց միստր Քրոքետը։— Ոչ մի հարյուր դոլլար դուք չեք ստանա։ Այն տիկինը, որի մասին ձեզ ասացինք, կգա ժամը վեցին։ Դուք ամեն օր և ամեն ժամ կլինեք նրա խնամքի տակ։ Վեց անց կեսին, սովորականի պես, նրա հետ կնստեք սեղանի մոտ, և նա կհոգա, որպեսզի դուք ժամանակին պառկեք քնելու։ Մենք ձեզ արդեն ասել ենք, որ նա փոխարինելու է ձեր մորը և հետևելու է ձեզ... Դե, որպեսզի... որպեսզի դուք լվանաք ձեր վիզն ու ականջները։

— Եվ որպեսզի ամեն շաբաթ օր էլ լոգանք ընդունեմ,— ամենախորին հնազանդությամբ ավարտեց Դիկը։

— Հենց այդ էլ ուզում էի ասել։

— Իսկ դուք... այսինքն՝ ես, որքա՞ն եմ վճարելու այդ տիկնոջը ծառայությունների համար,— շարունակեց հարցաքննել Դիկը այն գրգռիչ անհետևողականությամբ, որն արդեն դարձել էր սովորություն, և համբերությունից հանում էր ուսուցիչներին ու ընկերներին։

Առաջին անգամ էր, որ միստր Քրոքետը հապաղեց ու սկզբում միայն հազաց։

— Չէ՞ որ ես եմ նրան վճարում, այո՞,— պնդեց Դիկը։— Իմ քսան միլիոնից։ Ճի՞շտ է։

«Ճիշտ հայրն է»,— յուրովի նկատեց միստր Սլոքումը։

— Միսիս Սոմերսթոնը, «այդ տիկինը», ինչպես դուք հարմար կգտնեիք արտահայտվել, ամսական ստանալու է հարյուր հիսուն դոլլար, որը տարեկան կազմում է ճիշտ հազար ութ հարյուր դոլլար,— բացատրեց միստր Քրոքետը։

— Քամուն տված փողեր են,— հառաչելով ասաց Դիկը։— Դեռ ուտելն ու բնակարանն էլ չհաշված։

Դիկը ,— տասներեքամյա այդ արիստոկրատը՝ ոչ թե ծնունդով, այլ Նոբ֊Հիլլ ապարանքում մեծանալու հետևանքով,— ոտքի ելավ ու խնամատարների դիմաց այնքան հպարտորեն կանգնեց, որ մյուս երեքն ակամա իրենք էլ ոտքի ելան իրենց կաշվե բազկաթոռներից։ Բայց նա կանգնել էր խնամատարների դիմաց ու այնպես, ինչպես, երևի, կանգնել էր փոքրիկ լորդ Ֆաունթլերոյը, քանզի Դիկի մեջ գոյություն ունեին երկու տարերք։ Նա գիտեր, որ մարդկային կյանքը բազմադեմ է ու բազմանիստ, իզուր չէր, որ Մոնա Սանգվինետտին ուղղագրության մեջ ավելի ուժեղ էր, քան ինքը, և իզուր չէր, որ նա կռվում էր Թիմ Հեգենի հետ, խսկ հետո բարեկամացավ՝ կիսելով իշխանությունը ընկերների վրա։

Նա այն մարդու որդին էր, որն ապրել էր քառասունինը թվականի ոսկու տենդը։ Տանը նա մեծանում էր որպես արիստոկրատ, իսկ դպրոցը նրա մեջ դաստիարակել էր դեմոկրատին։ Եվ նրա վաղաժամ զարգացած, սակայն դեռևս ոչ հասուն ուղեղն արդեն որսում էր արտոնյալ խավի և ժողովրդական զանգվածների միջև եղած տարբերությունը։ Բացի դրանից, նրա մեջ ապրում էր ամուր կամքը և անվրդով ինքնավստահությունը, որոնք բոլորովին անհասկանալի էին երեք հասակն առած ջենտլմենների համար, այն ջենտլմենների, որոնց ձեռքն էր հանձնված իր ճակատագիրը, և որոնք հանձն էին առել նրա միլիոնները բազմապատկելու ու նրան սեփական իդեալին համապատասխան մարդ դարձնելու պարտականությունը։

— Շնորհակալություն ձեր սիրալիրության համար,— իր երեք խնամատարներին դիմեց Դիկը։— Հուսով եմ, որ լեզու կգտնենք իրար հետ։ Իհարկե, այդ քսան միլիոնը պատկականում է ինձ, և, իհարկե, դուք այդ գումարը պահպանելու եք ինձ համար, չէ՞ որ ես գործերից ոչինչ չեմ հասկանում։

— Եվ հավատացեք, տղաս, որ մենք ձեր միլիոններր կբազմապատկենք, անպայման կբազմապատկենք։ Ընդ որում ամենաանվտանգ ու ամենափորձված միջոցներով,— հայտարարեց միստր Սլոքումը։

— Միայն թե, խնդրում եմ, առանց սպեկուլյացիայի,— նախազգուշացրեց նրանց Դիկը։— Հայրիկը հաջողակ էր, բայց ես նրանից հաճախ եմ լսել, որ հիմա ուրիշ ժամանակներ են և այլևս չի կարելի թույլ տալ այնպիսի համարձակ քայլեր, ինչպես առաջներում կատարել են բոլորը։

Այս ամենից ելնելով, կարելի էր, իհարկե, մտածել, որ Դիկը շատ մանր ու շահամոլ հոգի ունի։ Ոչ։ Հատկապես հենց այդ րոպեներին նա ամենից քիչ մտածում էր իր քսան միլիոնի մասին։ Նրան հուզում էին ամեն տեսակի շահամոլությունից այնքան հեռավոր երազանքներն ու ծրագրերը, որոնք ավելի շուտ Դիկին նմանեցնում էին պատահական հարբած մի նավաստու, որը ցամաքում աջ ու ձախ շաղ է տալիս երեք տարվա ընթացքում վաստակած աշխատավարձը։

— Ճիշտ է, ես փոքր եմ,— շարունակեց Դիկը։— Բայց դուք դեռ ինձ լավ չեք ճանաչում։ Ժամանակի ընթացքում մենք ավելի մոտիկից կծանոթանանք, իսկ հիմա՝ նորից ու նորից շնորհակալություն։

Նա լռեց ու թեթևակի խոնարհվեց լիակատար արժանապատվությամբ. այդպես խոնարհվելուն շատ վաղ են վարժվում Նոբ֊Հիլլի բոլոր ապարանքների լորդերը։ Նրա լռությունը նշանակում էր, որ տեսակցությունն ավարտված է։ Խնամատարները հասկացան, և նրանք, Դիկի հոր ընկերները, որոնց հետ հայրը խոշոր գործարքներ էր կատարում, շվարած ու շփոթված հեռացան։

Քարե լայն սանդուղքով իջնելով դեպի իրենց սպասող կառքերը՝ միստր Դեվիդսոնն ու Սլոքումը պատրաստ էին ազատություն տալ իրենց կատաղությանը, սակայն Քրոքետը, որ քիչ առաջ այդպես կտրուկ ու բարկությամբ առարկում էր տղային, հիացմունքով նկատեց.

— Ա՜հ, դու գրողի տարած։ Ա՜հ, դու գրողի տարած։

Կառքը նրանց տարավ դեպի հինավուրց Խաղաղօվկիանոսյան ակումբը, որտեղ ևս մի ժամ մտահոգված քննարկեցին Դիկ Ֆորրեսթի ապագան և բողոքեցին այն դժվարին խնդրի դեմ, որը նրանց վզին էր փաթաթել «Բախտավոր» Ռիչարդ Ֆորրեսթը։

Իսկ այդ ժամանակ Դիկը աճապարանքով ցած էր իջնում սարի լանջով, որը խիստ զառիթափ էր ձիերի ու կառքերի համար, դեպի խոտածածկ, սալարկված փողոցները։ Հազիվ էր հետևում թողել գեղատեսիլ բլրակները, վիլլաները և միլիոնատերերի փարթամ այգիները ու իջել վար, երբ անմիջապես հայտնվեց փայտե տնակներով նեղլիկ փողոցներում, որտեղ ապրում էին աշխատավոր մարդիկ։ 1887 թվականին Սան-Ֆրանցիսկոն իրենից ներկայացնում էր ապարանքների ու խարխուլ տնակների նույնպիսի անկարգ մի խառնուրդ, ինչպես և եվրոպական ցանկացած հինավուրց քաղաքը, և Նոբ֊Հիլլը, միջնադարյան դղյակի պես, վեր էր խոյացել առօրյա կյանքի աղքատության ու աղտի միջից, որը ծվարում էր իր ստորոտում։

Դիկը, վերջապեսյ կանգ առավ անկյունում, նպարավաճառի կրպակի մոտ, որի վերնահարկում ապրում էր Թիմոթի Հեգեն֊ավագը։ Թիմոթին կարող էր իրեն թույլ տալ նմանօրինակ շքեղության՝ ապրել համաքաղաքացիների գլխին, որոնք իրենց ընտանիքը պահում էին ամսական քառասուն-հիսուն դոլլար եկամուտով, քանի որ ինքը ծառայում էր ոստիկանատանը և ստանում էր հարյուր դոլլար։

Սակայն Դիկն իզուր էր սուլում բաց, արևի ճառագայթներից չպաշտպանված պատուհանների տակ. Թիմ Հեգեն-կրտսերը տանը չէր։ Ի վերջո, Դիկը լռեց ու մտքում վերհիշեց մոտակա բոլոր այն վայրերը, որտեղ կարող էր լինել ընկերը, բայց այդ պահին ինքը Թիմը հայտնվեց փողոցի անկյունում՝ զգուշորեն բերելով փրփրոտ գարեջրով լի թիթեղյա գավը։ Նա որպես ողջույն ինչ֊որ բան քրթմնջաց, Դիկն էլ կոպտորեն ինչ֊որ բան փնթփնթաց ի պատասխւսն, ասես ընդամենը մեկ ժամ առաջ ինքը չէր այդպես համարձակ ու ամբարտավանորեն ազատ արձակել Վիթխարի Քաղաքի չթագադրված արքաներին։ Դիկը խոսում էր սովորական տղայի պես, և նրա ձայնում ոչինչ հայտնի չէր անում, թե տղան քսան միլիոն, իսկ մի առ ժամանակ անց՝ ավելի մեծ հարստության ապագա տնօրենն, է։

— Ծերուկիդ մահից հետո քեզ չեմ տեսել,— հավասարվելով նրան՝ նկատեց Թիմը։

— Բայց հիմա տեսնում ես։ Ճի՞շտ է,— արձագանքեց Դիկը։— Գիտես, Թիմ, ես գործով եմ եկել։

— Լավ, սպասիր, նախ գարեջուրը հասցնեմ ծերուկիս,— ասաց Թիմը՝ փորձառու հայացքով հետևելով թիթեղյա գավաթի եզրերից ծորացող փրփուրին։— Եթե առանց փրփուրի լինի, կհարձակվի վրաս։

— Իսկ դու մի քիչ թափահարիր, որպեսզի փրփուրը շատ լինի,— խորհուրդ տվեց Դիկը։— Մեկ րոպե միայն քեզ կզբաղեցնեմ։ Բանն այն է, որ այս գիշեր փախչելու եմ։ Կգա՞ս ինձ հետ։

Թիմի երկնագույն, իռլանդական աչքերը վառվեցին հետաքրքրասիրությունից։

— Իսկ ո՞ւր,— հարցրեց նա։

— Չգիտեմ։ Կգա՞ս։ Եթե ուզում ես գալ, ապա մյուս բոլոր հարցերը կքննարկենք հետո, երբ ճանապարհ դուրս գանք։ Դու ինձնից լավ գիտես այդ ամենը։ Հը... Համաձա՞յն ես։

— Ախր ծերուկը կաշիս կքերթի,— փնթփնթաց Թիմը։

— Նա քեզ առաջ էլ է ջարդ տվել, բայց կաշիդ, կարծեմ, դեռ տեղում է,— հետևեց անվրդով պատասխանը։— Միայն թե ասա՝ այո, և մենք հենց այս երեկո ժամը իննին կհանդիպենք կայարանում։ Հը՞... Կգա՞ս։ Մի խոսքով, ժամը իննին ես այնտեղ կլինեմ։

— Իսկ եթե չգա՞մ,— հարցրեց Թիմը։

— Միևնույն է, ես մենակ կգնամ։— Եվ Դիկը շրջվեց՝ ձևացնելով, թե պատրաստվում է հեռանալ։ Հետո մի պահ հապաղեց ու անփութորեն ավելացրեց.— Լավ կլիներ, իհարկե, եթե երկուսով լինեինք...

Թիմը թիթեղյա գավը թափահարեց ու պատասխանեց նույնպիսի անփութությամբ.

— Դե լավ։ Կգամ։

Թիմից բաժանվելով՝ Դիկը սկսեց որոնել նախկին դպրոցական ընկերներից մեկ ուրիշին՝ Մարկովիչին, որի հայրը էժանագին մի ռեստորան էր պահում, ուր կարելի էր քսան սենթով ստանալ շատ կանոնավոր կերակուր։ Ժամանակին պատանի Մարկովիչը մի առիթով Դիկից փոխարինաբար վերցրել էր երկու դոլլար, բայց Դիկը նրա հետ համաձայնության եկավ մեկ դոլլար քառասուն սենթի վրա, պարտքի մյուս մասը զիջելով Մարկովիչփն։

Հետո Դիկը անհամարձակ ու հուզմունքով անցավ Մոնթգոմերի֊սթրիթով, այդ աշխույժ փողոցը զարգարած բազմաթիվ լոմբարդների ու նպաստի դրամարկղների մոտով։ Խիզախ մի վճռականությամբ նա, վերջապես, ընտրեց դրանցից մեկը և ութ դոլլարով ու անդորրագրով փոխարինեց իր ժամացույցը, որն արժեր ամենաքիչը հիսուն դոլլար։

Նոբ֊Հիլլ ապարանքում ճաշը մատուցվում էր ժամը վեց անց կեսին։ Դիկը տուն եկավ յոթից քառորդ պակաս ու դեմ-դիմաց հանդիպեց միսիս Սոմերսթոնին։ Դա մի մարմնեղ, տարիքն առած կին էր, երբեմնի նշանավոր, իսկ այժմ սնանկացած Փորթեր-Ռինգթոն ընտանիքից, որի ֆինանսական աղետը յոթանասունական թվականներին ցնցեց ամբողջ խաղաղօվկիանոսյան ափերը։ Չնայած իր մարմնեղ արտաքինին, միսիսը, իր իսկ խոսքերով, տառապում էր «նյարդերի խանգարումով»։

— Ո՛չ, ո՛չ, դա աներևակայելի է, Ռիչարդ,— հուզված գոչեց նա։— Կերակուրն արդեն քառորդ ժամ է, ինչ մատուցված է, իսկ դուք դեռևս չեք լվացել ձեր դեմքն ու ձեռքերը։

— Ներեցեք, միսիս Սոմերսթոն,— ասաց Դիկը։— Ես այլևս երբեք չեմ ուշանա։ Եվ առաջիկայում ընդհանրապես որևէ անհանգստություն չեմ պատճառի ձեզ։

Վիթխարի ճաշասենյակում նրանք ճաշեցին երկուսով, և Դիկը ջանում էր զբաղեցնել իր դաստիարակչուհուն, քանի որ, չնայած աշխատավարձ էր ստանում, միսիս Սոմերսթոնն, այնուամենայնիվ հյուր էր տղայի համար։

— Երբ տեղավորվեք, շատ լավ կզգաք այստեղ։ Շատ հարմարավետ, հինավուրց տուն է, և ծառայողներն էլ արդեն տարիներ շարունակ ապրում են մեր տանը։

— Բայց, Ռիչարդ,— ժպտադեմ առարկեց միսիս Սոմերսթոնը,— չէ՞ որ ոչ թե ծառաներից է կախված, թե ես ինչպես կզգամ ինձ այստեղ, այլ ձեզնից։

— Ես կանեմ այն ամենը, ինչ հնարավոր լինի,— սիրալիրությամբ պատասխանեց տղան,— և նույնիսկ ավելին, քան հնարավոր է։ Ես շատ եմ ցավում, որ այսօր ուշացել եմ։ Շատ-շատ տարիներ կանցնեն, ու ես երբեք չեմ ուշանա։ Ես վճռել եմ բոլորովին չանհանգստացնել ձեզ։ Ա՛յ, կտեսնեք։ Այնպես կլինի, որ ասես տանը չեմ։

Հետո բարի գիշեր մաղթեց ու, հեռանալիս, կարծես ինչ-որ բան հիշելով, ավելացրեց.

— Ես մի հարցի վերաբերյալ պետք է ձեզ զգուշացնեմ։ Խոսքը խոհարարի մասին է, որի անունը Օ-Թեյ է։ Նա շատ վաղուց է ապրում մեր տանը, ես նույնիսկ չեմ հիշում, թե քանի տարի, գուցե քսանհինգ, գուցե և երեսուն։ Հորս համար նա ճաշ է պատրաստել դեռ այն ժամանակ, երբ ես ծնված չեմ եղել, ու չի եղել նաև այս տունը։ Նա հատուկ դիրք ունի մեր տանը և այնպես է վարժվել ամեն բան անել իր գիտեցածի պես, որ հարկադրված պետք է լինեք նրա հետ վարվել չափազանց զգույշ։ Բայց եթե նա ձեզ սիրի, ապա գոհացնելու համար իրեն չի խնայի։ Նա ինձ շատ է սիրում։ Այնպես արեք, որպեսզի ձեզ էլ սիրի, և դուք այս տանը շատ լավ կզգաք։ Իսկ ես, ճիշտ եմ ասում, ձեզ այլևս երբեք անհանգստություն չեմ պատճառի։ Ես կլինեմ այնպես, որ թվա, թե տանն էլ չեմ։

ԳԼՈԻԽ V

Ճիշտ ժամը իննին, իր ամենահին հագուստը հագած Դիկը կայարանում հանդիպեց Թիմ Հեգենին։

— Դեպի հյուսիս գնալ չարժե,— ասաց Թիմը։— Շուտով ձմեռ կգա ու քնելիս կմրսենք։ Ուզո՞ւմ ես, գնանք դեպի արևելք, Նևադայի ու անապատի կողմերը։

— Էլ ո՞ւր կարելի է գնալ,— հարցրեց Դիկը։— Իսկ եթե ընտրենք հարավն ու գնանք Լոս-Անջելո՞ս, Արիզոնա՞, Նոր Մեքսիկա՞ և Թեքսա՞ս,— շարունակեց նա։

— Ինչքա՞ն փող ես ճարել,— հարցրեց Թիմը։

— Իսկ քո ի՞նչ գործն է,— առարկեց Դիկը։

— Այստեղից պետք է հեռանալ հնարավորին չափ շուտ, իսկ արագ շարժվելու համար պետք է վճարել։ Ես, իհարկե, թքել եմ։ Բայց քո վիճակը՝ ուրիշ է։ Խնամատարներդ անմիջապես աղմուկ կբարձրացնեն, լրտեսների մի ոհմակ կվարձեն, և նրանք էլ այնպես կրնկակոխ կհետապնդեն, որ պոկվել չես կարողանա։ Անհրաժեշտ է շուտ ցանվել։

— Էհ, եթե ուրիշ կերպ հնարավոր չէ— արձագանքեց Դիկը։— Մի քանի օր մենք օղակներ կգծենք, կշփոթեցնենք նրանց, կթաքնվենք և այդ ամենի համար կվճարենք մինչև Թրեյսի հասնելը։ Իսկ հետո այլևս չենք վճարի ու կդառնանք դեպի հարավ։

Այս ամբողջ ծրագիրը նրանց կողմից իրականացվեց ամենայն ճշգրտությամբ։ Նրանք Թրեյսի մեկնեցին որպես տոմս ունեցող ուղևորներ։ Երբ տեղական շերիֆը դադարեց խուզարկել գնացքը, դրանից վեց ժամ հետո զգուշության համար Դիկը վճարեց նաև մինչև Մոդեստո կայարանը, որտեղից այն կողմ այլևս չվճարեց, և Թիմի խորհրդով տղաներն իրենց ճանապարհը շարունակեցին բեռնատար ու ծանրոցային վագոններով, ինչպես նաև վագոնահարթակներում՝ առանց տոմսի։ Դիկը լրագրեր էր գնում և Թիմին կարգին ահաբեկում էր՝ կարդալով ողբերգական այն նկարագրությունները, թե ինչպես են առևանգել ֆորրեսթյան միլիոնների պատանի ժառանգին։

Սան-Ֆրանցիսկոյում խնամատարները հայտարարություն տվեցին, որ իրենց խնամյալին գտնողին ու տուն բերողին երեսուն հազար դոլլար պարգև կտրվի։ Այս հայտարարությունը կարդացող Թիմ Հեգենը, երբ մի ջրմուղի մոտ, խոտերին պառկած հանգստանում էին, ընկերոջը մեկընդմիշտ ներշնչեց այն միտքը, որ ազնվությունն ու պատիվը չեն հանդիսանում սոսկ առանձին մի խավի արժանիքը և դրանք կարող են լինել ոչ միայն լեռնագագաթի ապարանքում, այլև նպարավաճառի կրպակի վերնահարկի համեստ բնակարանում։

— Օհ, գրողը տանի,— դիմեց Թիմը ոչ այնքան Դիկին, որքան իր առջև փռված բնապատկերին։— Փախչելուս համար իմ ծերուկը երբեք չէր աղմկի, եթե քեզ մատնեի երեսուն հազարի դիմաց։ Նույնիսկ սարսափելի է այդ մասին մտածելը։

Երբ Թիմը խոսեց այդքան բացահայտ, ուրեմն նրանից Դիկը որևէ վտանգ չէր կարող սպասել, ոստիկանի որդին չէր մատնի։

Միայն վեց շաբաթ անց, արդեն Արիզոնայում, Դիկը նորից անդրադարձավ այդ հարցին։

— Հասկանո՞ւմ ես, Թիմ,— ասաց Դիկը,— ես ահագին փող եմ ստացել, և իմ դրամագլուխն անդադար ավելանում է, բայց այդ դրամից, ինչպես տեսնում ես, ոչ մի սենթ չեմ ծախսում... Թեև միսիս Սոմերսթոնն էլ ինձնից տարեկան հազար ութ հարյուր դոլլար է քամում, չհաշված ճաշը, բնակարանն ու կառքը, իսկ ես ու դու ապրում ենք որպես թափառաշրջիկներ և գոհանում ենք, եթե որևէ հնոցապանի կերակուրի մնացորդներ ենք հավաքում։ Բայց և այնպես իմ դրամագլուխը մեծանում է։ Որքա՞ն կլինի քսան միլիոնի տասը տոկոսը։ Հաշվիր։

Թիմ Հեգենը հայացքը հառեց անապատի վրա տարածված տաք օդի հոսանքին ու փորձեց վճռել իրեն տրված խնդիրը։

— Հապա, քսան միլիոնի մեկ տասներորդը որքա՞ն կլինի,- անհամբերությամբ հարցրեց Դիկը։

— Որքա՞ն... Իհարկե, երկու միլիոն։

— Իսկ հինգ տոկոսը՝ տասի կեսն է։ Ի՞նչ կստացվի տարեկան, եթե քսան միլիոնը հաշվենք հինգ տոկոսով։

Թիմն անհամարձակ լռեց։

— Դե, կեսը, երկու միլիոնի կեսը,— գոչեց Դիկը։— Ուրեմն, ես ամեն տարի մեկ միլիոնով ավելի եմ հարստանում։ Հիշիր այս ու լսիր, թե ինչ եմ ասում։ Երբ ես համաձայն եմ տուն վերադառնալ, իսկ դա տեղի կունենա շատ ու շատ տարիներ հետո, մենք, իհարկե, կվճռենք, թե երբ, ես քեզ կասեմ, և դու հորդ նամակ կգրես։ Նա կդարանակալի պայմանավորված վայրում, կբռնի ինձ ու կտանի այնտեղ, որտեղ պետք է։ Իսկ հետո խնամատարներից կստանա խոստացված երեսուն հազարը, ձեռք կքաշի ծառայությունից ու գարեջրատուն կբացի։

— Գիտե՞ս երեսուն հազարը ի՜նչ փող է,— անփութորեն ասաց Թիմը՝ դրանով իսկ արտահայտելով իր երախտագիտությունը։

— Միայն թե ոչ ինձ համար,— հայտարարեց Դիկը՝ ջանալով պակասեցնել իր շռայլությունը։— Երեսուն հազարը մեկ միլիոնում տեղավորվում է երեսուն երեք անգամ, իսկ իմ փողերը մեկ տարվա ընթացքում բերում են մեկ միլիոն։

Սակայն Թիմին վիճակված չէր ապրել մինչև այն օրերը և տեսնել, թե հայրը ինչպես է դառնալու գարեջրատան տնօրեն։ Այս խոսակցությունից երկու օր անց, չափից դուրս եռանդուն ուղեկցորդը տղաներին դուրս արեց ապրանքատար դատարկ վագոնից, երբ գնացքը կանգնել էր քարքարոտ ու չորացած ձորակի ափերն իրար կապող կամրջի վրա։ Դիկը ցած նայեց,— ձորակի հատակը յոթանասուն ֆուտ խորություն կունենար,— և ակամա դողաց։

— Տեղ կա,— ասաց նա,— բայց եթե հանկարծ գնացքը շարժվի՞։

— Չի շարժվի։ Հեռացեք, քանի հնարավոր է,— պնդեց ուղեկցորդը։— Շոգեքարշը մյուս կողմում ջուր է լցնում։ Այնտեղ միշտ ջուր են վերցնում։

Բայց հատկապես այս անգամ շոգեքարշը ջուր չվերցրեց։ Հետաքննությունը հետագայում պարզեց, որ ջրամբարում ջուր չի եղել և մեքենավարը վճռել է շարունակել ճանապարհը։ Տղաները հազիվ էին հասցրել կողքի դռնից թռչել գետնին և մի քանի քայլ արել ռելսերի ու ձորակի միջև ընկած նեղլիկ տարածությամբ, երբ գնացքն սկսեց շարժվել։ Միշտ արագ կողմնորոշվող ու գործող Դիկը չորեքթաթ պպզեց։ Դա նրան հնարավորություն տվեց ամուր կառչել կամրջից ու տեղում մնալ, որովհետև վագոնների դուրս ցցված մասերն անցնում էին նրա գլխի վրայով, առանց դիպչելու։

Բայց ավելի ուշ կռահող Թիմը, որ դեռ կուրացած էր իսկական կելտական կատաղությամբ, կամրջի վրա պառկելու փոխարեն, դեռևս կանգնած ու բավականին պատկերավոր, հարազատ մնալով իր ծնողների ոգուն, արտահայտվում էր ուղեկցորդի հասցեին։

— Պառկի՛ր։ Շո՛ւտ,— գոչեց Դիկը։

Բայց Թիմն արդեն բաց էր թողել հարմար պահը. գնացքը ընթանում էր զառիվայրով ու արագորեն ավելացնում էր ընթացքը։ Դեմքով կանգնած դեպի սլացող վագոնները և զգալով, որ հետևում հենարան չկա, իսկ ոտքերի տակ էլ անդունդն է, Թիմը, վերջապես, վճռեց հետևել Դիկի օրինակին։ Բայց հենց որ շրջվեց, ուսով դիպավ վագոնների եզրերին և քիչ մնաց կորցներ հավասարակշռությունը։ Ինչ-որ հրաշքով նա պահեց իրեն ու շարունակեց կանգնած մնալ։ Գնացքն ավելի ու ավելի էր արագացնում ընթացքը։ Այլևս հնարավոր չէր պառկել։

Դիկը հետևում էր այդ ամենին, բայց տեղից շարժվելու հնարավորություն չուներ։ Գնացքը արագություն էր վերցնում։ Սակայն Թիմն էլ պաշտպանեց հոգու արիությունը, մեջքով դեպի անդունդը, իսկ դեմքով դեպի սլացող վագոնները, կամրջի նեղլիկ տախտակներին կանգնած, նա ճոճվում և ջանում էր պահպանել հավասարակշռությունը։ Որքան արագ էր ընթանում գնացքը, այնքան խիստ էր Թիմը ճոճվում. վերջապես, մեծ ճիգով, նա գտավ հաստատուն մի դիրք ու դադարեց ճոճվելուց։

Ամեն բան կարող էր վերջանալ բարեհաջող, եթե չլիներ վերջին վագոնը։ Դիկը հասկացավ դա ու սարսափով հետևեց վագոնի մոտենալուն։ Դա «ձիերի համար կատարելագործված վագոն» էր. վեց դյույմ ավելի լայն, քան մյուս բոլոր վագոնները։ Դիկը տեսավ, որ Թիմն էլ նկատեց, տեսավ, թե ինչպես ընկերը լարեց բոլոր ուժերը, որպեսզի կարողանա մնալ այն տարածության վրա, որն հիմա կրճատվել էր մոտ կես ֆուտով, տեսավ, թե ինչպես Թիմն ընկրկում է ետ, դեպի ետ, որքան հնարավորություն կար, բայց և այնպես դա դեռ քիչ էր։ Աղետն անխուսափելի էր։ Եթե վագոնը մեկ դյույմով ավելի նեղ լիներ, Թիմը կդիմանար։ Մեկ դյույմ, և նա գնացքի հետևից կընկներ ռելսերի վրա, իսկ վագոնը կանցներ կողքով։ Բայց հենց այդ դյույմն էլ կործանեց նրան։ Վագոնը հրեց Թիմին, տղան մի քանի անգամ պտտվեց օդում և գլխիվայր գահավիժեց ապառաժների վրա։

Այնտեղ, ցածում, նա այլևս չշարժվեց։ Յոթանասուն ֆուտ բարձրությունից ընկնելով՝ նա կոտրել էր վիզն ու ջախջախել գանգը։

Եվ Դիկն առաջին անգամ տեսավ մահը, ոչ թե կանոնավոր ու արժանապատիվ մահը, որպիսին լինում է քաղաքակիրթ մարդկանց մոտ, երբ թե՛ բժիշկները, թե՛ հիվանդապահուհիները, թե նարկոտիկները հեշտացնում են մարդու անցումը դեպի հավիտենական գիշեր, իսկ նրա հարազատներն էլ ջանում են շքեղ ծեսերով, ծաղիկներով ու հանդիսավորությամբ գեղեցկացնել այդ ճանապարհորդությունը դեպի ստվերների աշխարհը, այլ հանկարծակի ու սովորական, կոպիտ ու անպաճույճ մահը տեսավ, մահ, որ նման է սպանդանոցում մորթված ցուլի կամ գեր խոզի մահվան։

Եվ շատ ուրիշ բաներ էլ պարզվեցին Դիկի համար՝ կյանքի և ճակատագրի փոփոխականությունը, տիեզերքի թշնամությունը մարդու նկատմամբ, շուտ կռահելու և գործելու վճռական ու ինքնավստահ լինելու անհրաժեշտությունը, ակնթարթի ընթացքում ամենայն կենդանականի վրա իշխող ուժերի հարաբերության անսպասելի փոփոխություններին հարմարվել կարողանալը։ Եվ, կանգնած այլանդակված աճյունի մոտ, որն ընդամենը մի քանի րոպե առաջ իր ընկերն էր, Դիկը հասկացավ, որ չի կարելի վստահել պատրանքներին. դրանց միշտ էլ անհրաժեշտ է լինում փոխհատուցել և որ միայն իրականությունը երբեք չի խաբում։

Նոր Մեքսիկայում Դիկը պատահաբար հայտնվեց Ջինգլ-Բոբ անունով մի ռանչոյում, որը գտնվում էր Ռոսուելլից-դեպի հյուսիս, Փիկոս հովտում։ Նա դեռ տասնչորս տարեկան էլ չկար, բայց շատ շուտով դարձավ բոլորի սիրելին։ Դա, իհարկե, նրան չխանգարեց լինելու իսկական քավբոյ, այն քավբոյների նման, որոնք նույնիսկ պաշտոնական փաստաթղթերում իրենց անվանում էին «Վայրի Ջի», «Եղնիկ-Վիլլի», «Մեծ Գրպան» կամ «Աչք հանող»։

Ռանչոյում անցկացրած կես տարվա ընթացքում Դիկը կատարելապես ճանաչեց ձիերին և, լինելով ուժեղ ու ճարպիկ, դարձավ անգերազանցելի հեծյալ, ինչպես նաև ճանաչեց մարդկանց, և այդ թանկարժեք գիտելիքները պահեց իր ամբողջ կյանքի համար։ Բայց նա ուրիշ շատ բաներ էլ իմացավ։ Այսպես օրինակ, Ջոն Չայզոմը՝ Ջինգլ-Բոբի, Bosque grande-ի և մինչև Սև գետն ու դրանից էլ այն կողմ ընկած բազմաթիվ այլ անասնապահական ֆերմաների տնօրենը. Ջոն Չայզոմը՝ «կովերի արքան», կանխատեսելով ֆերմերական փոքրիկ տնտեսությունների ստեղծումը, գնեց շրջակա բոլոր ազատ հողատարածությունները, որտեղ ջուր կար, փշալարերով պատեց դրանք ու դարձավ լիակատար տնօրենը դրանց հարող միլիոնավոր ակր հողատարածությունների, որոնք առանց ոռոգելու ոչ մի արժեք չունեին։ Իսկ գիշերային խարույկների մոտ, մթերքով լի ֆուրգոնի հարևանությամբ, ամսական քառասուն դոլլարից ոչ ավելի ստացող քավբոյների հետ (որոնք չէին նախատեսում այն, ինչ նախատեսում էր շեֆը) ունեցած զրույցների ժամանակ Դիկը որոշակիորեն հասկացավ, թե ինչպես է Ջոն Չայզոմը դարձել «կովերի արքա», իսկ նրա հարյուրավոր դրացիները վարձվել են որպես գյուղատնտեսական գործավորներ։

Բայց Դիկը տաքարյուն բնավորություն ուներ։ Նրա արյունը եռում էր։ Նրա մեջ բուն էր դրել տղամարդկային կրքոտ հպարտությունը։ Թամբին քսան ժամ նստելուց հետո պատրաստ լինելով հեկեկալ, նա կարողանում էր զսպել իրեն, սովորեց արհամարհել իր կիսամանկական մարմինը տանջող դաժան ցավը և լռելյայն դիմանալ, չերազելով անկողին, մինչև որ կոփված նախրապանները առաջինը իրենք չպառկեին։ Այդ նույն համբերատար դիմացկունությամբ նա հեծնում էր իրեն տրված ամեն մի ձի, պահանջում էր, որ իրեն ևս ուղարկեն գիշերային աշխատանքի, և քամու տակ ծածանվող անջրանցիկ թիկնոցով վստահորեն սուրում էր ցրված նախրին ընդառաջ։ Նա պատրաստ էր ցանկացած վտանգի տակ դնել իրեն, սիրում էր համարձակ քայլեր կատարել, սակայն նույնիսկ այդպիսի րոպեներին երբեք չէր մոռանում ողջախոհ իրականության մասին։ Դիկը շատ լավ գիտեր, որ մարդիկ չափազանց փխրուն էակներ են, որ մարդիկ հեշտությամբ են զոհվում՝ ջախջախվելով քարերի վրա, կամ տրորվելով ձիերի սմբակների տակ։ Ու երբ նա հանկարծ հրաժարվում էր հեծնել այն ձին, որի ոտքերը վարգի ժամանակ իրար էին դիպչում, ապա դա ոչ թե վախի հետևանք էր, այլ, ինչպես մի անգամ հայտնեց անձամբ Ջոն Չայզոմին, «եթե բանը հասնի ընկնելուն, ապա գոնե մեծ գումարի համար»։

Միայն այստեղ, այս կալվածքից, Դիկը վճռեց նամակ գրել իր խնամատարներին։ Բայց այնքան զգույշ էր, որ նամակը տվեց Չիկագոյից ժամանած անասնավաճառին և հասցեագրեց խոհարար Օ-Թեյին։ Թեև Դիկը իր միլիոններից չէր օգտվում, սակայն միշտ հիշում էր դրանց մասին։ Մտահոգվելով, թե հանկարծ իր ունեցվածքը չհասնի ինչ-որ հեռավոր ազգականների, որպիսիք կգտնվեին նոր Անգլիայում, նա իր խնամատարներին տեղեկացրեց այն մասին, որ ինքը ողջ֊առոզջ է ու մի քանի տարի անց անպայման տուն կվերադառնա։ Նա հրամայեց նաև չազատել միսիս Սոմերսթոնին և կանոնավոր վճարել աշխատավարձը։

Բայց նա չէր կարողանում նստել նույն տեղում։ Ու վերջապես որոշեց, որ Ջինգլ֊Բոբ ռանչոյում անցկացրած կես տարին ավելի քան բավական է։ Ուստի և Դիկը դարձավ թափառաշրջիկ ու ոտնատակ տվեց Միացյալ Նահանգները, ընդ որում իր այդ թափառումների ժամանակ նա առիթներ ունեցավ ծանոթանալու հաշտարար դատավորների, ոստիկանական աստիճանավորների, թափառաշրջիկության վերաբերյալ օրենքների և նույնիսկ բանտերի հետ։ Եվ նա ճանաչեց իսկական թափառաշրջիկների, թափառական գործավորների ու մանր հանցագործների։ Բացի այդ, նա ծանոթացավ ֆերմաների ու ֆերմերների հետ և ուսումնասիրեց հողագործությունը, իսկ մի անգամ Նյու֊Յորքի նահանգում ամբողջ շաբաթ հատապտուղներ հավաքեց դանիացի ֆերմերի մոտ, որը փորձարկումներ էր կատարում Միացյալ Նահանգների առաջին սիլոսային սարքավորման վրա։ Նա այս ամենը սովորեց ոչ այն պատճառով, որ սովորելը նպատակ էր. նա ուներ վիթխարի, զուտ մանկական հետաքրքրասիրություն ամեն բանի նկատմամբ։ Դրա շնորհիվ նա բազում տեղեկություններ ստացավ մարդկային բնավորության և հասարակության կյանքի մասին։ Այդ գիտելիքները, որոնք նա հետագայում մարսեց ու դասակարգեց գրքերի օգնությամբ, խոշոր ծառայություն մատուցեցին նրան։

Արկածները չվնասեցին Դիկին։ Նույնիսկ երբ առիթ եղավ հանդիպել կալանավորների՝ իրենց անտառային ապաստարաններում, և հաղորդակից լինել կյանքի նկատմամբ նրանց տեսակետներին ու բարոյականությանը, այդ տեսակետները չազդեցին տղայի վրա։ Նա իսկապես նման էր տեղաբնակ ցեղերի մեջ ընկած ճանապարհորդի։ Վստահ լինելով, որ քսան միլիոն կարողության տեր է, նա գողանալու և հափշտակելու ցանկություններ չէր ունենում, ասենք, դրա անհրաժեշտությունն էլ չկար։ Աշխարհում ամեն բան հետաքրքրում էր նրան, բայց նա ոչ մի անդամ չընկավ մի այնպիսի վիճակի մեջ կամ մի այնպիսի տեղ, ուր կամենար ընդմիշտ մնալ։ Նա ծարավի էր ավելի ու ավելի շատ բան տեսնելու, անվերջ ուսումնասիրելու իրականությունը։

Անցավ երեք տարի. լրացավ Դիկի տասնվեցամյակը։ Նա ամրակազմ ու կոփված, հարյուր երեսուն ֆունտ քաշ ունեցող պատանի էր։ Եվ Դիկը վճռեց, որ տուն վերադառնալու և գրքերը ձեռքն առնելու ժամանակն է։ Այսպիսով նա կատարեց իր առաջին խոշոր ծովային ճանապարհորդությունը, որպես յունգ ընդունվելով այն նավի վրա, որը Դելավերից մեկնելու էր Սան֊Ֆրանցիսկո, շրջանցելով Հորն հրվանդանը։ Դա շատ դժվարին նավարկություն էր, որը տևեց հարյուր ութսուն օր, սակայն արդյունքում Դիկը տասը ֆունտով էլ ավելացավ։

Երբ մի գեղեցիկ օր նա տուն մտավ և քայլեց դեպի միսիս Սոմերսթոնը, վերջինս ճչաց ու մարդ ուղարկեց խոհարար Օ-Թեյի հետևից, որպեսզի սա հաստատի, թե արդյո՞ք իսկապես Դիկն է եկողը։ Միսիս Սոմերսթոնը երկրորդ անգամ ճչաց, երբ պարզեց ձեռքը, ու Դիկի՝ ճոպաններից կոշտացած ափը սեղմեց նրա քնքուշ մատները։

Խնամատարների հետ առաջին հանդիպման ժամանակ, որոնք աճապարանքով հավաքվեցին, լսելով նրա ժամանման մասին, Դիկն իրեն քաշված էր պահում, գրեթե ամաչում էր։ Բայց դա նրան չխանգարեց միանգամայն որոշակիորեն արտահայտվել.

— Ահավասիկ, թե ինչպիսին է իրերի վիճակը,— սկսեց նա։— Ես հիմար չեմ, գիտեմ, թե ինչ եմ ուզում, և ինչպես կամենամ, այնպես էլ պետք է լինի։ Ես աշխարհում բոլորովին միայնակ եմ, եթե, իհարկե, չհաշվենք այնպիսի բարեհոգի մտերիմների, որպիսին դուք եք։ Եվ ես իմ տեսակետն ունեմ կյանքի ու այն բանի նկատմամբ, թե ինչ եմ մտադիր անելու կյանքում։ Եվ տուն վերադարձա բնավ էլ ոչ թե որևէ մեկի նկատմամբ ունեցած պարտքի գիտակցությունից, այլ այն պատճառով, որ եկել էր ժամանակը։ Ավելի շուտ, ինքս իմ նկատմամբ ունեցած պարտքի գիտակցությունից։ Երեք տարվա թափառումները ինձ վիթխարի օգուտ տվեցին և հիմա կամենում եմ շարունակել կրթությունս, ես ուզում եմ խելոքանալ այս անգամ արդեն գրքերի շնորհիվ։

— Բելմոնթյան ուսումնարանը,— հուշեց միստր Սլոքումը,— ձեզ կնախապատրաստի համալսարանի համար։

Դիկը վճռականորեն գլխով բացասական շարժում արեց։

— Դա ինձնից կխլի երեք տարի, ինչպես և յուրաքանչյուր միջնակարգ դպրոց։ Ոչ, ես մտադիր եմ ընդունվել Կալիֆորնիական համալսարանը մեկ տարուց ոչ ուշ։ Իհարկե, հարկ կլինի լավ աշխատել։ Բայց ուղեղս թթվուտի նման է. ձգտում է գրքեր ուտել։ Ես ուսուցիչներ կվարձեմ, եթե հարկ լինի՝ մի տասը հոգու և կսկսեմ պատրաստվել։ Նրանց ես եմ վարձելու և ես էլ վռնդելու եմ։ Իսկ դրա համար դրամի կարիք կունենամ։

— Ամսական հարյուր դոլլար բավակա՞ն է,— հարցրեց միստր Քրոքետը։

Դիկը գլուխը շարժեց։

— Ես երեք տարի թափառել եմ ու իմ դրամագլխից ոչ մի գռոշ չեմ ծախսել։ Հուսով եմ, որ կկարողանամ այդ ասպարեզում բանիմաց կերպով կարգադրություններ անել այստեղ, Սան֊Ֆրանցիսկոյում։ Ես դեռ չեմ ստանձնի իմ գործերի կառավարումը, բայց ուզում եմ ձեռքիս տակ պատկառելի մի գումարի չեքագրքույկ ունենալ։ Դրամը ես կծախսեմ այն բանի վրա, կհամարեմ անհրաժեշտ և ինչպես կհամարեմ անհրաժեշտ։

Խնամատարները սարսափով իրար նայեցին։

— Դա անհեթեթություն է, դա անհնարին է,— վրգովված սկսեց միստր Քրոքետը։— Դուք նույն թոկից փախածն եք մնացել, ինչպես էիք մինչև ձեր փախուստը։

— Ինչ արած,— հառաչեց Դիկը։— Անցյալ անգամ էլ այդ անախորժությունը տեղի ունեցավ փողի պատճառով։ Իսկ այն ժամանակ ես ուզում էի ընդամենը հարյուր դոլլար ստանալ։

— Բայց դուք մտեք մեր վիճակի մեջ, Դիկ,— որոշեց նրան մի բան հասկացնել միստր Դեվիդսոնը։— Չէ՞ որ մենք ձեր խնամատարներն ենք... Ի՞նչ կասեն մարդիկ, եթե մենք թույլ տանք ձեզ, տասնվեցամյա տղային, ազատորեն մսխել դրամը։

— Իսկ հիմա ի՞նչ արժե իմ «Ֆրիդա» զբոսանավը,— անսպասելիորեն հարցրեց Դիկը։

— Կարծում եմ, որ միշտ էլ քսան հազար կտան,— պատասխանեց միստր Քրոքետը։

— Ուրեմն, վաճառեցեք։ Զբոսանավն ինձ համար շատ մեծ է ու, բացի այդ էլ, տարեցտարի կորցնում է գինը։ Ինձ պետք է փոքրիկ մի զբոսանավ, որպեսզի կարողանամ ինքս ղեկավարել այն ու նավարկել մեր ծովախորշում, և արժեքն էլ պետք է լինի հազարից ոչ ավելի։ Իսկ մեծը վաճառեք ու դրամը դրեք իմ անվամբ։ Ես ախր գիտեմ, թե դուք երեքով ինչից եք վախենում, վախենում եք, թե ես փողերս կմսխեմ կերուխումի, ձիերի ու մեկ էլ երգչուհիների վրա։ Ուստի, ես ինչ եմ ուզում առաջարկել. այդ դրամի վրա մեր չորսից յուրաքանչյուրն էլ թող իրավունք ունենա։ Եվ այն րոպեին, երբ ձեզնից մեկնումեկը կմտածի, որ ես իզուր եմ ծախսում փողերը, թող հաշվից հանի ամբողջ գումարը։ Կարող եմ նաև ձեզ հայտնել, որ բացի այն ուսուցիչներից, որոնք ինձ կնախապատրաստեն համալսարանի համար, ես մտադիր եմ հրավիրել նաև մասնագետ՝ առևտրական քոլեջից. թող նա ինձ սովորեցնի, թե ինչպես են բիզնեսմենները վարում իրենց գործերը, թող գլուխս մտցնի այդ ողջ մեխանիկան։

Դիկը չսպասեց նրանց համաձայնությանը և շարունակեց, ասես ամեն բան արդեն վճռված էր.

— Իսկ ի՞նչ անենք Մենլոյի ձիերը։ Ի դեպ, ես աչքի կանցկացնեմ ու կմտածեմ, թե ինչ անենք։ Միսիս Սոմերսթոնը կմնա այնտեղ ու կտնօրինի տունն ու տնտեսությունը։ Առանց այդ էլ ես խիստ զբաղված կլինեմ։ Դուք չեք զղջա իմ անձնական գործերում ինձ լիակատար ազատություն տալուց, խոստանում եմ։ Իսկ հիմա, եթե ուզում եք լսել, թե ինչպես եմ ապրել այս երեք տարիների ընթացքում, խնդրեմ, ես ձեզ կպատմեմ։

Դիկ Ֆորրեսթը չէր սխալվել խնամատարներին հայտարարելով, որ իր ուղեղը թթվուտի պես պատրաստ է գրքեր ուտել։ Երևի դեռ երբեք, ոչ մի պատանի չի ստացել այդքան արտասովոր կրթություն, ընդ որում այդ գործն ինքն էր անձամբ ղեկավարում, հաճախ չհրաժարվելով ուրիշների խորհուրդներից։ Ուրիշների ուղեղները օգտագործելու հմտությունը, նա, ըստ երևույթին, սովորել էր հորից ու Ջինգլ-Բոբի Ջոն Չայզոմից։ Այնտեղ, տափաստանում, նա վարժվել էր երկար ժամանակ լուռ նստել և մտորել այն դեպքում, երբ քավբոյները հանդարտ զրուցում էին սննդամթերքով լի ֆուրգոնի մոտ, խարույկի շուրջը նստած։ Այժմ, իր անվան ու կարողության շնորհիվ նա հեշտությամբ կարողանում էր ծանոթանալ ու զրույցի բռնվել պրոֆեսորների, դպրոցների դիրեկտորների, ամեն տեսակ մասնագետների ու բիզնեսմենների հետ։ Կարող էր ժամեր շարունակ ունկնդրել նրանց, երբեմն միայն որևէ բառ ասելով, գրեթե հարցեր չտալով, և միայն իր մեջ ներծծելով այն, ինչ պատմում են. և շատ գոհ էր մնում, եթե իրեն հաջողվում էր այդ ժամեր տևող զրույցից շահել թեկուզև մի միտք, մի փաստ, որպիսիք կարող էին օգնել նրան վճռելու այն հարցը, թե հատկապես ինչ կրթություն է իրեն հարկավոր և ինչպես այն ստանալ։

Հետո նա սկսեց իր համար ուսուցիչներ ընտրել, և սկսվեցին այնպիսի հրավերներ ու հեռացումներ, այնպիսի կանչեր ու մերժումեր, որ միայն կարելի էր ապշել։ Երիտասարդ Ֆորրեսթը չէր քաշվում։ Ոմանց հետ Դիկը պարապում էր մեկ, երկու կամ երեք ամիս, բայց շատերից բաժանվում էր հենց առաջին օրը կամ առաջին շաբաթը, և նման դեպքերում անպայման վճարում էր առաջիկա ամսվա համար, եթե նույնիսկ նրան որևէ բան սովորեցնելու փորձերը տևում էին մեկ ժամից ոչ ավելի։ Այդ գործում նա միշտ առատաձեռն էր ու մեծահոգի, որովհետև հնարավորություն ուներ իրեն թույլ տալու առատաձեռնություն և մեծահոգություն։

Այդ տղան, որը բազմաթիվ անգամներ էր հավաքել հնոցապանների թերմացքներն ու կերել, վրան էլ ամբարասյունից ջուր խմելով, սեփական մաշկի վրա էր զգացել դրամի արժեքը և այն, որ ի վերջո, գնելուց հետո ամենալավը գնելն է շահավետը։ Համալսարան ընդունվելու համար անհրաժեշտ էր լսել ֆիզիկայի ու քիմիայի մեկ տարվա դասընթաց։ Ավարտելով հանրահաշիվն ու երկրաչափությունը՝ նա դիմեց Կալիֆորնիական համալսարանի նշանավոր պրոֆեսորներին ֆիզիկայի ու քիմիայի գծով։ Սկզբում պրոֆեսոր Քեյրին ծիծաղեց տղայի երեսին։

— Սիրելի տղաս...— ասաց նա։

Դիկը համբերությամբ թույլ տվեց նրան արտահայտվել. հետո հանգիստ հայտարարեց.

— Վստահ եղեք, պրոֆեսոր, որ ես հիմար չեմ։ Միջնակարգ դպրոցի և նախապատրաստական ուսումնարանի աշակերտները ուղղակի կաթնակերներ են։ Նրանք կյանքը չեն ճանաչում։ Եվ չգիտեն, թե ինչ են ուզում կամ ինչու են ուզում այն, ինչ մտցրել են նրանց գլուխը։ Ես ճանաչում եմ կյանքը։ Գիտեմ, թե ինչ եմ ուզում և ինչու։ Նրանք երկու կիսամյակ շարունակ, շաբաթական երկու ժամ ֆիզիկա են ուսանում, և արձակուրդն էլ հաշված, այդ պատմությունը տևում է մեկ տարի։ Խաղաղօվկիանոսյան ափերով մեկ դուք ֆիզիկայի լավագույն ուսուցիչն եք։ Ուսումնական տարին ուր-որ է կավարտվի։ Եթե դուք արձակուրդի առաջին շաբաթը նվիրեք ինձ, նվիրեք ձեր ժամանակի յուրաքանչյուր րոպեն, ես կյուրացնեմ, ֆիզիկայի տարեկան դասընթացը։ Որքա՞ն արժե այդպիսի մեկ շաբաթը։

— Դուք հազար դոլլարով էլ չեք գնի,— պատասխանեց պրոֆեսոր Քեյրին ու վճռեց, որ հարցը փակված է։

— Ես գիտեմ ձեր աշխատավարձի չափը...— սկսեց Դիկը։

— Հապա՞, ձեր կարծիքով ես որքա՞ն եմ ստանում,— կտրուկ հարցրեց պրոֆեսորը։

— Համենայն դեպս, շաբաթական ոչ հազար դոլլար,— նույնքան կտրուկ առարկեց Դիկը,— և ոչ էլ հինգ հարյուր, ոչ էլ երկու հարյուր հիսուն...— նա ձեռքը բարձրացրեց, որովհետև պրոֆեսորը կամենում էր ընդհատել։— Դուք հիմա ասացիք, որ ձեր այդ շաբաթը չեք կարող վաճառել նույնիսկ հազար դոլլարով։ Իսկ ես միտք էլ չունեմ գնելու այդպիսի գումարով։ Ես ձեզ առաջարկում եմ երկու հազար։ Տեր աստված։ Ախր ես հաշված տարիներ ունեմ ապրելու...

— Իսկ մի՞թե հնարավոր է գնել կյանքի տարիները,— ծաղրանքով հարցրեց պրոֆեսորը։

— Անպայման հնարավոր է։ Հանուն դրա էլ եկել եմ ձեզ մոտ։ Մեկ տարվա մեջ ես գնում եմ երեք տարի, իսկ ձեր շաբաթը այդ տարվա մի մասն է։

— Բայց ես դեռ համաձայնությունս չեմ տվել,— նկատեց պրոֆեսոր Քեյրին։

— Գուցե այդ գումարը ձեզ չի՞ բավարարում,— սառնասրսարեն պնդեց Դիկը։— Ասացեք, թե ինչպիսի՞ գումարն եք համարում արդարամիտ։

Եվ պրոֆեսոր Քեյրին հանձնվեց։ Ճիշտ նույն կերպ էլ հանձնվեց պրոֆեսոր Բարսդեյլը՝ քաղաքի ամենանշանավոր քիմիկոսը։

Հանրահաշվի ու երկրաչափության իր ուսուցիչներին Դիկն արդեն տարել էր Սաքրամենթոյի ու Սան֊Քոակինի ճահիճներում որս անելու, և նրանց հետ մեկ ամսից ավելի մնաց այնտեղ։ Ֆիզիկայի ու քիմիայի հետ էլ գործն ավարտելով՝ նա պատմաբանի ու գրականության ուսուցչի հետ որսի մեկնեց Օրեգոնի հարավ֊արևմտյան մասում գտնվող Քարբի օկրուգը։ Նա հետևում էր հոր օրինակին. սովորում, զվարճանում ու ապրում էր մաքուր օդում, և առանց արտակարգ լարվածության, միջնակարգ դպրոցի սովորական եռամյա դասընթացն անցավ մեկ տարում։ Նա թռչուններ ու ձուկ էր որսում, լողանում էր, մարզվում և դրա հետ մեկտեղ պատրաստվում էր համալսարանի համար։ Եվ նա կանգնած էր ճշմարիտ ճանապարհի վրա։ Նա կարող էր այդ ճանապարհն ընտրել, որովհետև հոր միլիոնները նրան դարձրել էին կյանքի տնօրենը։ Նրա համար դրամը միշտ էլ եղել է միջոց։ Նա չէր նվազեցնում, բայց չէր չափազանցնում դրամի նշանակությունը։ Նա դրամով գնում էր այն ամենը, ինչ անհրաժեշտ էր։

— Զեխության տարօրինակ տեսակ է, նման բանի երբեք չեմ հանդիպել,— նկատեց միստր Քրոքետը, մյուս խնամատարներին ցույց տալով Դիկի ներկայացրած տարեկան հաշվետվությունը։— Ուսումնառության վրա ծախսվել է տասնվեց հազար դոլլար, ընդ որում նա ներկայացրել է բոլոր ծախսերը՝ երկաթուղային տոմսերի արժեքը, նվիրատվությունները, ուսուցիչների համար գնված վառոդն ու փամփուշտները։

— Եվ քննություններն էլ, համենայն դեպս, հանձնեց,— ասաց միստբ Սլոքումը։

— Այո, և նախապատրաստվեց մեկ տարվա ընթացքում,— քրթմնջաց միստր Դեվիդսոնը։— Իսկ իմ թոռը, այն ժամանակ, երբ Դիկն սկսեց պատրաստվել, ընդունվեց Բելմոնթյան ուսումնարանը, և տա աստված, որ երկու տարի հետո հաջողվի ընդունվել համալսարան։

— Ինչ արած, մի բան կարող եմ ասել միայն,— հայտարարեց միստր Քրոքետը,— այսուհետև, տղան որքան էլ պահանջի իր ծախսերի համար, կարելի է վստահել ցանկացած գումարը։

— Հիմա ես մի փոքր շունչ կառնեմ,— հայտարարեց Դիկը իր խնամատարներին։— Ես դարձյալ հավասարվեցի իմ հասակակիցներին՝ գիտելիքներով, իսկ ինչ վերաբերում է կյանքի իմացականությանը, նրանք դեռ շատ հեռու են ինձնից։ Ես հանդիպել եմ բազմաթիվ տղամարդկանց ու կանանց, ես ճանաչեցի կյանքն ու տեսա այնքան շատ լավն ու վատը, վեհությունն ու ստորությունը, որ հաճախ ինքս էլ չեմ հավատում՝ մի՞թե այդ ամենը ճշմարիտ է։ Բայց ես այդ ամենը տեսել եմ սեփական աչքերով։

Այսուհեւտև ես չեմ շտապի։ Հասել եմ մյուսներին ու հիմա համաչափ քայլերով կգնամ։ Գլխավորը առանց տարի կորցնելու՝ կուրսից կուրս փոխադրվելն է։ Ու երբ ավարտեմ համալսարանը, կլինեմ ընդամենը քսանմեկ տարեկան։ Ուսանելու վրա հիմա ավելի քիչ ծախսեր կանենք, ուսուցիչների կարիք այլևս չեմ ունենա և հնարավոր կլինի ավելի շատ ծախսել զվարճությունների վրա։

Միստր Դեվիդսոնը զգուշացավ.

— Իսկ դուք ի՞նչ նկատի ունեք «զվարճություն» բառի տակ։

— Օհ, զանազան ուսանողական ընկերություններ, ֆուտբոլ... Ինքներդ էլ հասկանում եք, որ ետ չպետք է մնամ մյուսներից։ Բացի այդ, ինձ շատ են հետաքրքբում բենզինի շարժիչները։ Ես ուզում եմ կառուցել աշխարհում առաջին օվկիանոսային զբոսանավը բենզինի շարժիչով...

— Իսկ եթե պայթի՞,— գլուխը շարժեց միստր Քրոքետը։— Այդ ամենը դատարկ բաներ են, հիմա բոլորն էլ խենթացել են բենզինի վրա։

— Ոչ, չի պայթի։ Ես միջոցներ ձեռք կառնեմ,— պատասխանեց Դիկը,— Իսկ դրա համար անհրաժեշտ են փորձարկումներ ու դրամ, և այդ պատճառով էլ ես խնդրում եմ մի նոր չեքագրքույկ նույն իրավունքներով, ինչպես նախորդն էր։

Գլուխ VI

Համալսարանում Դիկ Ֆորրեսթը ոչ մի բանով աչքի չէր ընկնում, եթե չհաշվենք այն, որ առաջին կուրսում բաց թողեց շատ ավելի դասախոսություններ, քան մյուս ուսանողները։ Բայց այն դասախոսությունները, որոնք բաց էր թողնում, նրան պետք չէին, և նա գիտեր։ Ընդունելության քննություններին նրան նախապատրաստող ուսուցիչները առաջ էին անցել և պարապել էին առաջին կուրսի մեծ մասը։ Ի միջի այլոց, նա կազմակերպեց առաջին կուրսեցիների ֆուտբոլային թիմը, որն այնքան թույլ էր, այնքան թույլ, որ նրան կարողանում էին հաղթել բոլոր նրանք, ովքեր չէին ծուլանում։

Բայց և այնպես Դիկն աշխատում էր, թեև դա նկատելի չէր։ Նա շատ էր կարդում, և լավ էր կարդում, ու երբ ամռանը օվկիանոսային իր զբոսանավով դուրս եկավ բաց ծով, հրավիրեց ոչ թե ուրախ ընկերներին, իր հասակակիցներին, այլ գրականության, իրավունքի, պատմության ու փիլիսոփայության պրոֆեսորներին՝ ընտանյոք հանդերձ։ Համալսարանում երկար ժամանակ դեռ հիշում էին այդ «գիտական» ուղևորության մասին։ Վերադառնալով՝ պրոֆեսորները պատմում էին, որ ժամանակն անց են կացրել չափազանց հաճելի։ Դիկն այդ ճանապարհորդությունից կարողացավ ավելի ընդարձակ պատկերացումներ ստանալ գիտական մի շարք առարկաների մասին, քան եթե դրանք տարեցտարի լսեր համալսարանական դասընթացներում։ Իսկ այն, ինչ դարձյալ տնտեսեց այդ ընթացքում, նրան հնարավորություն տվեց առաջվա պես բաց թողնել դասախոսություններն ու եռանդով զբաղվել լաբորատորիաներում։

Նա չէր արհամարհում նաև զուտ ուսանողական զվարճությունները։ Պրոֆեսորական այրիները համառորեն սիրաշահում էին նրան, պրոֆեսորների դուտստրերը սիրահարվում էին նրան։ Նա անխոնջ պարող էր, բաց չէր թողնում ուսանողական և ոչ մի երեկույթ, ընկերական ոչ մի խնջույք, ոտնատակ էր տալիս ամբողջ ծովեզրը բանջոյի ու մանդոլինահարների ակումբի հետ։

Այնուամենայնիվ, նա չէր փայլում ոչ մի արտակարգ տաղանդով, ոչնչով չէր տարբերվում մյուսներից։ Չորս-հինգ ընկերներ մանդոլինա և բանջո նվագում էին նրանից լավ և մի տասը հոգի էլ շատ ավելի լավ էին պարում, քան Դիկը։ Երկրորդ կուրսում նա ֆուտբոլի թիմին օգնեց հաղթանակ տանելու, համարվում էր լավ, հուսալի խաղացող և միայն այդքան։ Նրան ոչ մի անգամ չհաջողվեց գնդակով անցնել դաշտի ամբողջ երկարությամբ, չնայած տեսնում էր, որ ոսկեզօծ֊երկնագույնները կաշվից դուրս են գալիս, և տրիբունաներն էլ փոթորկվում են։ Հաղթանակի կարողացավ հասնել միայն դժվարին այդ խաղի վերջում, ցեխի ու անձրևի տակ, երբ արդեն ավարտվում էը երկրորդ կիսախաղը, լոկ այդ ժամանակ ոսկեզօծ֊երկնագույնները Ֆորրեսթին խնդրեցին հարվածել կենտրոնին և ամուր հարվածել։ Այո, նա երբեք ու ոչ մի բանում կատարելության չհասավ։ Լողլող Չարլի Էվերսոնը միշտ էլ կարող էր խմել ավելի, քան նա։ Հարրիսոն Ջեկսոնը մուրճը նետում էր ամենաքիչը քսան ֆուտ ավելի հեռու, քան Դիկը։ Քարրուզերսը նրան հաղթում էր բռնցքամարտում։ Էնսոն Բարջը երեքից երկուսի դեպքում նրան պառկեցնում էր թիակների վրա, իհարկե, մեծ դժվարությամբ։ Անգլերեն շարադրությունից կուրսի հինգերորդ մասն ավելի ուժեղ էր նրանից։ Ռուսական հրեա Էդլինը հաղթեց նրան «Սեփականությունը գողություն է» թեմայով դիսպուտի ժամանակ։ Շուլցն ու Դեբրեն առաջ անցան նրանից ու ամբողջ կուրսից՝ բարձրագույն մաթեմատիկայի ասպարեզում, իսկ ճապոնացի Օթսուկին անհամեմատ լավ էր յուրացնում քիմիան։

Բայց եթե Դիկ Ֆորրեսթը ոէնչով աչքի չէր ընկնում, սակայն ոչ մի բանով էլ ետ չէր մնում իր ընկերներից։ Արտակարգ ուժ չունենալով՝ նա երբեք չէր ցուցաբերում թուլություն կամ անվստահություն։ Մի անգամ Դիկն իր խնամատարներին, որոնք հիացած էին նրա անփոփոխ ջանասիրությամբ ու վարքով, և որոնք կանխագուշակում էին նրա մեծ ապագան, հայտարարեց.

— Ոչ մի արտակարգ բանի ես չեմ հասնի։ Ուղղակի կլինեմ բազմակողմանիորեն զարգացած մի մարդ։ Ես ախր մասնագետ դառնալու անհրաժեշտություն չունեմ։ Ժառանգություն թողնելով՝ հայրս ինձ ազատել է այդ անհրաժեշտությունից։ Ասենք, ես չէի կարող մասնագետ դառնալ, եթե նույնիսկ ուզենայի։ Դա իմ սրտովը չէ։

Այսպես ուրեմն, նրա խելքի ներդաշնակությունը այնքան հստակ էր, որ դա որոշում էր նրա կյանքի ներդաշնակությունը։ Նա ոչ մի բանով չափից դուրս չէր հրապուրվում։ Դա միջին, բնականոն, հավասարակշիռ ու բազմակողմանի զարգացած մարդու հազվագյուտ մի տեսակ էր։

Երբ միստր Դեվիդսոնը իր կոլեգաների ներկայությամբ գոհունակություն հայտնեց այն առթիվ, որ Դիկը, տուն վերադառնալով, այլևս ոչ մի անխոհեմ քայլ չի կատարում, Դիկը պատասխանեց.

— Օ, ես կարող եմ ինձ զսպել, եթե կամենամ։

— Այո,— հանդիսավորությամբ հաստատեց միստր Սլոքումը։— Շատ լավ ստացվեց, որ դուք այդքան շուտ դիվոտեցիք և հիմա կարողանում եք տիրապետել ձեզ։

Դիկը խորամանկորեն նրան նայեց։

— Էհ,— ասաց նա,— այդ մանկական արկածը հաշիվ չէ։ Ես դեռ չեմ էլ սկսել դիվոտել։ Ա՛յ, կտեսնեք, թե ինչ կլինի, հենց որ սկսեմ։ Դուք գիտե՞ք Կիպլինգի «Դիեգո Վալդեսի երգը»։ Ձեր թույլտվությամբ ես մի հատված կհիշեմ։ Բանն այն է, որ Դիեգո Վալդեսն էլ, ինչպես ես, մեծ ժառանգություն էր ստացել։ Նա պետք է դառնար Իսպանիայի գերագույն ծովակալ և դիվոտելու ժամանակ չուներ։ Նա ուժեղ էր ու երիտասարդ, բայց շատ էր շտապում մեծ դառնալ. այդ խենթը կարծում էր, թե ուժն ու երիտասարդությունը իր հետ կլինեն ընդմիշտ և, որ ծովակալ դառնալուն պես, նա կյանքի բերկրանքների հաճույքն ապրելու իրավունք կունենա։ Եվ հետագայում նա միշտ հիշում էր.

Հարավում, հազար մղոններ հեռու,
Մենք իրար եղբայրներ դարձանք.
Գանձեր գնեցինք շատ կղզիներում,
Ծովերում մեր օրերը անցան։
Աշխարհը ծո՜վ էր բյուր հրաշքների,
Լողում էինք ի՜նչ հեռուներ...
Թեև ես դեռ մեծ Վալդեսը չէի,
Բայց ամե՛ն ծովային ինձ գիտեր։

Թե թաքուն պահված գինի գտնեինք՝
Մենք խմում էինք հավասար.
Եղբոր պես մեր մեջ բաժանում էինք
Ձեռք գցած ամեն մի ավար։
Մեր հաղթ նավերը ժայռերի հետև
Ապահով թաքնվում էին.
Ծանծաղուտն էինք մենք ճեղքում թեթև՝
Ջեռքներս ձուլած թիերին։

Նավատակն էինք ձյութում մենք զվարթ,
Ողնափայտը թրծում կրակին,
Կայմին բարձրացնում դրոշը ծվատ
Ու ելնում արշավի կրկին...
Ինչպես խարիսխն է մխրճվում թափով
Փրփրաբաշ կրծքի մեջ ծովի,
Նավապետներս այդպես շտապով
Նետվում էինք հաղթ գրոհի։

Որտե՞ղ հանեցինք սաղավարտ, սուսեր,
Ի՞նչ քեֆեր արինք ցնծագին,
Ո՞ւր են շանթեղեն գրոհները մեր.
Մեր զարկերն անշեղ նիզակի...
Օ՜, անապատի աղբյուր զովասուն,
Օ՜, հացի վերջի՜ն դու փշրանք.
Օ՜, չար բազեի ճչացող ցասում.
Օ՜, մա՛հ, ուղեկի՜ց անբաժան։

Ինչպես աղջիկն է տենչում ամուսին,
Եվ այրին հուշերով այրվում,
Ինչպես բանտվածն է նեղ լուսամուտից
Կարոտով երկնքին նայում,
Այդպես նավաստիս ալեհեր, վհատ,
Ապրում եմ անցյալի հուշերով,
Մարտե՛րն եմ հիշում, մեր դրո՜շը ծվատ
Եվ ինձ՝ պատանի ու հերոս։

Դուք, հարգարժան մարդիկ, հասկացեք նրան, հասկահցեք այնպես, ինչպես հասկացել եմ ես։ Լսեցեք, թե նա ինչ է ասում հետո․

Թվում էր՝ թե ուժ, խինդ ու արբեցում
Օրեցօր պիտի ծավալվեն...
Ավա՜ղ, բաժակս հուր գինով լեցուն
Թափեցի անդարձ առհավետ։
Ավա՜ղ, չարանենգ երկնքի կամոք
Սև ուղի է նշված ինձ կյանքում․
Ես՝ հին Վալդեսս՝ ազատ ու անհոգ,
Ծովակա՜լ եմ կոչվում գերագույն։

Ոչ մի վայրկյան մի՛ մոռացեք, որ իմ ծարավը դեռ չի հագեցել։ Ոչ, ես այրվում եմ ողջ էությամբ։ Բայց զսպում եմ ինձ։ Մի՛ կարծեք, որ զսպում եմ ինձ լոկ այն պատճառով, թե ինչպես պետք է դրսևորի իրեն օրինակելի տղան, քանի դեռ ուսանում է։ Ես երիտասարդ եմ։ Կյանքը եռում է իմ մեջ։ Ես լի եմ անսպառ ուժով, բայց չեմ կրկնի այն սխալները, որոնք կատարում են ուրիշները։ Ես կարողանում եմ իմ ձեռքի մեջ պահել ինձ։ Ես չեմ ընկնի առաջին իսկ պատահած խայծին։ Իսկ մինչ այդ ես պատրաստվում եմ։ Բայց իմը աչքիցս բաց չեմ թողնի։ Եվ գավաթի պարունակությունը շաղ չեմ տա, այլ կխմեմ մինչև վերջին կաթիլը։

Օ՜, առաջվա պես թե հողմը շաչեր,
Ու ծովն ալիքվեր խռնված․
նավը ձյութեինք խարույկի առջև՝
Երգելով մեր երգերը զվարթ․․․
Օ՜, անապատի աղբյուր զովասուն.
Օ՜, հացի վերջի՜ն դու փշրանք.
Օ՜, չար բազեի ճչացող ցասում.
Օ՜, մա՛հ, ուղեկի՛ց անբաժան։

Լսեցեք, իմ խնամատարներ։ Գիտե՞ք, թե ինչ բան է հարվածել թշնամուն, հասցնել նրա ծնոտին ու սառնասրտորեն դիտել, թե ինչպես է ընկնում։ Այսպիսի զգացողություններ եմ ես ուզում։ Ես ուզում եմ սիրել, և համբուրել, և խենթություններ անել երիտասարդության և ուժերի առատությունից։ Ես ուզում եմ ճաշակել երջանկությունն ու խրախճանքը երիտասարդ տարիներին, բայց հիմա, երբ դեռ պատանի եմ։ Առայժմ ես ուսանում եմ․ և ֆուտբոլ եմ խաղում. նախապատրաստվում եմ այն պահին, երբ կկարողանամ ինձ ազատություն տալ, այդ ժամանակ արդեն ես կանեմ անելիքս։ Ես չեմ վրիպի։ Օ՛հ, հավատացեք ինձ. գիշերները ոչ միշտ է, որ ես հանգիստ եմ քնում։

― Այսի՞նքն,— վախեցած հարցրեց միստր Քրոքետը։

— Հենց այդպես։ Հենց այդ մասին եմ ձեզ ասում։ Ես դեռ սանձած եմ պահում ինձ, ես դեռ չեմ սկսել, բայց որ սկսեցի՝ զգուշացեք։

— Իսկ դուք «կսկսեք» համալսարանն ավարտելուց հետո՞։

Տարօրինակ պատանին գլուխը շարժեց։

— Համալսարանից հետո գեթ մի տարով ես րնդունվելու եմ գյուղատնտեսական ինստիտուտ։ Գիտե՞ք, մի ցանկություն է հայտնվել իմ մեջ. դա գյուղատնտեսությունն է։ Ես ուզում եմ... ուզում եմ ինչ֊որ բան ստեղծել։ Հայրս դիզել է, բայց ոչինչ չի ստեղծել։ Դուք՝ նույնպես։ Զավթել եք նոր մի երկիր ու միայն փող եք դիզել ճիշտ այնպես, ինչպես նավաստիներր, գտնելով կուսական մի հանքաշերտ, մամուռից հավաքում են ոսկու բնակտորները...

— Ես, կարծեմ, ինչ֊որ բան հասկանում եմ Կալիֆորնիայի գյուղատնտեսությունից, բարեկամս,— վիրավորված ընդհատեց նրան միստր Քրոքետը։

— Հավանաբար հասկանում եք, բայց դուք ոչինչ չեք ստեղծել, դուք,— ինչ արած, փաստը մնում է փաստ, դուք ավելի շուտ ավերել եք։ Դուք հաջողակ ֆերմերներ եք եղել։ Եվ ինչպե՞ս եք գործել։ Օրինակ՝ Սաքրամենթո գետի հովտում վերցրել եք քառասուն հազար ակր լավագույն, հիանալի հողամաս և ամեն տարի ցանել եք հացահատիկ։ Բազմադաշտային սիստեմի մասին գաղափար չեք ունեցել։ Դուք գաղափար չեք ունեցել, թե ինչ է նշանակում ցանքաշրջանառություն։ Հարդը վառել եք։ Սևահողը՝ ուժազրկել։ Դուք հողը վարել եք չորս դյույմ խորությամբ ընդամենը, և դրա տակ անձեռնմխելի եք թողել քարի պես ամուր ընդերքը։ Դուք ուժազրկել եք չորս դյույմանոց այդ բարալիկ շերտը, և հիմա սերմացուն նույնիսկ չեք կարող ստանալ այնտեղից,

Այո, դուք ավերել եք։ Այդպես վարվել է հայրս, այդպես են վարվել բոլորը։ Իսկ ես կվերցնեմ հորս թողած փողերը ու դրանցով կսկսեմ ստեղծել։ Կգնեմ հացահատիկից ուժասպառ եղած այդ հողամասը,— դա գրեթե ձրի կարելի է ձեռք բերել,— ամեն ինչ կփոխեմ ու ի վերջո կստանամ ավելին, քան ստացել եք դուք դեռ այն ժամանակ, երբ նոր էինք սկսել մշակել։

Մո տենում էր դասընթացն ավարտելու ժամանակը, և միստր Քրոքետր հիշեց «դիվոտելն» սկսելու Դիկի մտադրությունը, որն այնպես վախեցրել էր խնամատարներին։

— Շուտով, քիչ մնաց,— հետևեց պատասխանը,— սպասեք, մինչև գյուղատնտեսական ինստիտուտն էլ ավարտեմ. հետո կգնեմ հողամասը, անասուններ, գործիքներ ու կալվածք կստեղծեմ, իսկական կալվածք։ Իսկ հետո կմեկնեմ։ Այն ժամանակ՝ դիմացեք։

— Սկզբում ինչպիսի՞ մեծության կալվածք եք ուզում ձեռք բերել,— հարցրեց միստր Դեվիդսոնը։

— Թերևս հիսուն հազար ակր տարածությամբ, գուցե և հինգ հարյուր հազար, տեսնենք, ինչպես որ ստացվի։ Ես ուզում եմ առավելագույն շահույթ ստանալ։ Կալիֆորնիան, ըստ էության, դեռևս չբնակեցված երկիր է։ Հողը, որ հիմա տասը դոլլար արժե, տասնհինգ տարի անց կարժենա հիսունից ոչ պակաս, իսկ այն հողամասը, որը կգնեմ հիսունով, կարժենա հինգ հարյուր, և ես այդ բոլորի համար ճկույթս էլ չեմ շարժի։

— Բայց կես միլիոն ակրը տասական դոլլարով՝ հինգ միլիոն է նստում,— տագնապով նկատեց միստր Քրոքետը։

— Իսկ հիսունով՝ քսանհինգ,— ծիծաղեց Դիկը։

Խնամատարները իրենց հոգու խորքում չէին հավատում նրա խոստացած խենթություններին։ Ինչ խոսք, նա կարող էր իր ունեցվածքի մի մասը ծախսել, ներդնելով այդ բոլոր գյուղատնտեսական նորությունները, բայց որ կարողանա ետ բերել փողը այդքան տարիներ սառեցնելուց հետո, նրանց ուղղակի անհավանական էր թվում։

Դիկը դասընթացն ավարտեց առանց որևէ փայլի։ Նա քսանութերորդն էր և ոչնչով չապշեցրեց համալսարանական աշխարհը։ Նրա հիմնական վաստակը, ինչպես պարզվեց, այն տոկունությունն էր, որի շնորհիվ կարողացավ դիմանալ բազում անուշիկ օրիորդների ու նրանց մայրիկների պաշարմանը, և այն, որ նա իրենց համալսարանի ֆուտբոլային թիմին օգնեց հաղթանակի հասնելու սթենֆորդցիների դեմ, այն էլ հինգ տարվա ընթացքում առաջին անգամ։ Դա տեղի ունեցավ այն օրերին, երբ բարձր վճարովի հրահանգիչների մասին դեռ չէին էլ լսել, և հատկապես գնահատվում էին լավ խաղացողները։ Բայց Դիկի համար առաջնահերթ էին ողջ թիմի շահերը, այդ իսկ պատճառով Երախտագիտության օրը ոսկեղօծ֊երկնագույնները հանդիսավորությամբ քայլում էին Սան֊Ֆրանցիսկոյի փողոցներոլմ՝ տոնելով իրենց փառապանծ հաղթանակը շատ ավելի ուժեղ Սթենֆորդցիների դեմ։

Գյուղատնտեսական ինստիտուտում Դիկը բոլորովին չէր հաճախում դասախոսություևներին և իր ողջ ժամանակը հատկացրել էր լաբորատոր աշխատանքներին։ Նա հրավիրում էր դասախոսներին և վիթխարի գումարներ էր ծախսում նրանց հետ Կալիոֆորնիայով մեկ ճամփորդելու համար։

Հողագիտական քիմիայի գծով համաշխարհային հեղինակություններից մեկը համարվող ու Ֆրանսիայում տարեկան երկու հազար դոլլար ստացող Ժակ Ռիբոն հանուն վեց հազարի տեղափոխվեց Կալիֆորնիական համալսարան. հետո ծառայության անցավ Հավայան կղզիների շաքարի ցանքաստանների տնօրենների մոտ տասը հազարով ու, վերջապես, գայթակղվելով այն տասնհինգ հազարով, որ նրան առաջարկեց Դիկ Ֆորրեսթը, և Կալիֆորնիայի մեղմ ու հաճելի կլիմայում ապրելու հեռանկարով, նրա հետ կնքեց հինգ տարվա պայմանագիր։

Պարոնայք Քրոքետը, Սլոքումը և Դեվիդսոնը սարսափով տարածեցին ձեռքները, մտածելով, որ հենց դա էլ Դիկի խոստացած խենթությունն է։

Բայց դա իր տեսակի մեջ անցածի կրկնողություն էր։ Դիկը վիթխարի աշխատավարձի օգնությամբ հրապուրեց անասնապահության լավագույն մասնագետին, որը ծառայում էր կառավարությանը․ նույնպիսի անգոսնելի միջոցով Նեբրասք նահանգի համալսարանից փախցրեց կաթնատնտեսության գծով փառաբանված մի մասնագետի և, վերջապես, հարված հասցրեց Կալիֆորնիական համալսարանին կից գյուղատնտեսական ինստիտուտի դեկանին՝ նրանից վերցնելով ֆերմերային տնտեսության հարցերում մոգ ու հրաշագործ պրոֆեսոր Նիրդենհամմերին։

— Էժան է, հավատացեք ինձ, էժան է,— համոզում էր Դիկն իր խնամատարներին։— Մի՞թե ձեզ ավելի հաճելի կլիներ է եթե պրոֆեսորների փոխարեն ձիեր ու դերասանուհիներ գնեի։ Ամբողջ դժբախտությունը այն է, որ դուք, պարոնայք, չեք հասկանում, թե որքան շահավետ է ուրիշների խելքը գնելը։ Իսկ ես հասկանում եմ։ Դա իմ մասնագիտությունն է։ Եվ ես դրանով կարգին փող կաշխատեմ, իսկ որ գլխավորն է՝ տասը հասկ կաճեցնեմ այնտեղ, ուր դուք մեկն էլ չեք ստանում, քանի որ կողոպտել եք հողը։

Դրանից հետո, իհարկե, խնամատարները դժվար թե հավատային, որ, նա կսկսի ամեն տեսակի ավանտյուրաներ, «համարձակ քայլերի կդիմի ու կհամբուրի«, իսկ տղամարդկանց էլ՝ բերաններին կիջնի։

— Եվս մեկ տարի...— նախազգուշացրեց նա՝ զբաղված լինելով հողագիտական քիմիայի, երկրագործության ու գյուղատնտեսական գրականությամբ և Կալիֆորնիայով մեկ մշտական ճանապարհորդություններ կատարելով իր բարձր ռոճիկ ստացող էքսպերտների շքախմբով։

Խնամատարները միայն վախենում էին, որ Դիկը կդառնա չափահաս ու անձամբ կտնօրինի իր կարողությունը, և հորենական միլիոնները արագորեն կսկսեն հալվել մսխվելով ամեն տեսակի անմիտ, գյուղատնտեսական խելառությունների վրա։

Հենց այն օրը, երբ լրացել էր նրա քսանմեկ տարին, գնման թուղթ կազմվեց Վիթխարի ռանչոյի համար, որը, Սաքրամենթո գետից սկսած, փռվում էր գեպի արևմուտք՝ մինչև հեռուներում ձգված լեռնաշղթայի գագաթը։

— Անասելի թանկ է,— ասաց միստր Քրոքետը։

— Ընդհակառակը, անասելի էժան է,— առարկեց Դիկը։— Եթե դուք տեսնեիք, թե ինչպիսի տեղեկություններ եմ ստացել ընդերքի որակի մասին։ Ու նաև աղբյուրների... Լսեցեք, իմ խնամատարներ, թե ձեզ համար ինչ կերգեմ։ Ես ինքս և՛ երգ եմ, և՛ երգիչ։

Ու նա երգեց այն յուրահատուկ թրթռացող ֆալցետով, ինչպես սովորաբար երգում են հյուսիսամերիկյան հնդկացիները, էսկիմոսներն ու մոնղոլները․

Հու֊թիմ յո֊քիմ ջոյ֊օ֊գի,
Ուի-հի յան֊նինգ քոյ-օ֊դի,
Լո֊հի յան֊նինգ քոյ֊օ֊դի,
Յո֊հո նայ֊նի, հալ֊յու֊դոմ յո նայ, յո֊հո, նայ-նիմ։

— Երաժշտությունը իմ հորինածն է,— շփոթված քրթմնջաց նա,— ես երգում եմ այնպես, ինչպես, իմ կարծիքովդ պետք է հնչի այս երգը։ Գիտե՞ք, ոչ ոք չկա, որ լսած լիներ, թե ինչպես են այս երգր երգում։ Այդ երգր նիշինամները ստացել են մայդուներիg, իսկ սրանք էլ՝ կանկուներից, որոնք և հորինել են։ Բայց բոլոր այդ ցեղերն էլ մեռել են։ Իսկ վարելահողերը մնացել են։ Դուք ուժասպառ եք արել այդ հողերը, միստր Քրոքետ, հողագործության ձեր գիշատիչ սիստեմով։ Այս երգը ես գտել եմ էթնոլոգիական հաշվետվություններից մեկում, որը զետեղված է «Միացյալ Նահանգների Խաղաղօվկիանոսյան ծովեզրի աշխարհագրության և երկրաբանության ակնարկների» երրորդ հատորում։ Ալ Ամպ անունով առաջնորդը, որը երկնքից իջել էր աշխարհի առաջին առավոտյան, այդ երգը երգել է աստղերի ու լեռնային ծաղիկների համար։ Իսկ հիմա նույն երգը ես կերգեմ անգլերեն։

Եվ նա դարձյալ երգեց ֆալցետով, ընդօրինակելով հնդկացիներին, և նրա ձայնը լի էր գարնանային բերկրալի հանդիսավորությամբ։ Նա հարվածում էր ազդրերին ու երգի տակտով թփթփացնում ոտքերով։ Դիկը երգում էր․

Կաղիններ են թափվում երկնքից,
Ես փոքրիկ կաղին եմ տնկում այս հովտում,
Ես մեծ կաղին եմ տնկում այս հովտում,
Ես աճում եմ, ես՝ ծեր կաղնու կաղինը, ընձյուղներ եմ արձակում։

Դիկ Ֆորրեսթի անունը ավելի ու ավելի հաճախ էր հիշատակվում լրագրերում։ Նա նշանավոր դարձավ անմիջապես, քանզի Կալիֆորնիայում առաջինը հինգ հազար գինեյ վճարեց մշակին։ Նրա մասնագետ անասնապահը, որին կարողացավ փախցնել կառավարությունից, առաջ անցավ անգլիացի Ռոթշիլդներից ու Ֆորրեսթի ֆերմայի համար ճարեց սքանչելի մի անասուն, որը շուտով հայտնի դարձավ Ֆորրեսթի Քմահաճույք անվամբ։

— Թող ծիծաղեն,— ասաց Դիկը խնամատարներին։— Ես քառասուն մայր եմ պահանջել։ Հենց առաջին տարին այդ ցուլը կվերադարձնի իր արժեքի կեսը։ Նա մի ամբողջ սերնդի հայր, պապ ու նախահայր կդառնա, և կալիֆորնիացիները ինձնից խնդրելով կտանեն նրա որդիներին ու թոռներին՝ երեք և նույնիսկ հինգ հազար դոլլար վճարելով յուրաքանչյուր գլխի համար։

Իր չափահասության առաջին ամիսների ընթացքում Դիկ Ֆորրեսթը այդ կարգի մի շարք խենթություններ ևս կատարեց։ Սակայն ամենաաներևակայելին վերջինն էր, երբ նա, մի քանի միլիոն դնելով գյուղատնտեսական ձեռնարկության մեջ, հանկարծ ամբողջ գործը հանձնեց մասնագետներին՝ նախատեսված ծրագրով տնօրինելու և զարգացնելու համար, նրանց միջև հաստատեց փոխադարձ վերահսկողություն, որպեսզի չափից դուրս չթաղվեն, իսկ հետո տոմս գնեց ու մեկնեց Թաիթի կղզի, որպեսզի ապրի այնպես, ինչպես սիրտն ուզում է։

Խնամատարները դեպքից դեպք լուրեր էին ստանում նրա մասին։ Նա հանկարծ դարձավ քառակայմ ածխատարի նավապետն ու տնօրենը, որը նավարկում էր անգլիական դրոշակով և ածուխ էր տանում Նյուքասլից։ Այդ մասին խնամատարները իմացան այն պատճառով, որ ստիպված էին վճարել նավի գինը, ու նաև այն պատճառով, որ Ֆորրեսթի՝ նավի տնօրենի անունը հիշատակված էր լրագրերում այն առիթով, որ նա փրկել էր խորտակված «Օրիոնի» ուղեվորների կյանքը։ Բացի այդ, խնամատարները ստացան ապահովագրական գումարը, երբ Ֆորրեսթի նավը Ֆիջի կղզիների ափերին կատաղի փոթորկի ժամանակ ջախջախվեց գրեթե ողջ անձնակազմով։ 1896 թվականին Ֆորրեսթը հայտնվեց Քլոնդայքում, 1897 թվականին՝ Կամչատկայում, որտեղ հիվանդացավ լնդախտով։ Հետո անսպասելիորեն, ամերիկյան դրոշակի տակ։ Հայտնվեց Ֆիլիպիններում։ Մի անգամ էլ,— խնամատարները այնպես էլ չիմացան ինչպես և ինչու,— նա դարձավ Լլոյդի ցուցակներից վաղուց ջնջված և հիմա էլ Սիամի դրոշակով նավարկող մարդատար հին շոգենավի տնօրեն։

Մերթ ընդ մերթ խնամատարների ու Ֆորրեսթի միջև սկսվում էր գործարար նամակագրություն, նա գրում էր հեքիաթային ծովերի բազմաթիվ հեքիաթային նավահանգիստներից։ Այնպիսի մի դեպք էլ տեղի ունեցավ, երբ խնամատարները ստիպված եղան միջնորդել նահանգական կառավարության մոտ, որպեսզի վերջինս ճնշում գործադրեր Վաշինգտոնի վրա ու Դիկին փրկեր ինչ-որ խճճված պատմությունից, որի մեջ նա ընկել էր Ռուսաստանում։ Ի դեպ, այդ մասին ոչ մի տող չթափանցեց մամուլ, բայց և չարախինդ ուրախություն պատճառեց եվրոպական բոլոր մինիստրություններին։

Հետո նրանք պատահաբար իմացան, որ Ֆորրեսթը վիրավոր պառկած է Մեյնֆքինգում, հետո՝ որ դեղին տենդով է տառապել Գվալաքիլում, որ Նյու֊Յորքում նրան դատել են բաց ծովում նավաստիների հետ դաժանորեն հաշվեհարդար տեսնելու համար։ Լրագրերը երեք անգամ մահազդ էին տպել նրա մասին, մի անգամ նա իբր մեռել էր Մեքսիկայում մարտնչելիս, և երկու անգամ մահապատժի էր են թարկվել Վենեսուելայում։ Այս բոլոր կեղծ լուրերից և տագնապներից հետո խնամատարները վճռեցին այլևս չանհանգստանալ. նրանք արդեն անվրդով էին ընդունում լուրերն այն մասին, թե իբր Ֆորրեսթը սամփանով լողացել անցել է Դեղին ծովը, և որ նա մեռել է բերի֊բերիից, և որ ռուսական ռազմագերիների հետ եղել է Մուքդենի մոտ և այժմ գտնվում է ճապոնական զինվորական բանտում։

Միայն մի անդամ ևս Դիկը անհանգստություն պատճառեց նրանց, երբ իր խոստումին հավատարիմ, աշխարհը ոտնատակ տալուց հետո, տուն վերադարձավ՝ իր հետ բերելով նաև կնոջը։ Այն ժամանակ նա երեսուն տարեկան էր, այդ կնոջ հետ ամուսնացել էր, իր ասածի համաձայն, մի քանի տարի առաջ, հետո պարզվեց, որ երեք խնամատարներն էլ կնոջը ճանաչում էին շատ ավելի վաղ։ Աղջկա հայրը կարողությունը կորցրել էր Լոս֊Կակսոս և Չիքուաքուա հանքավայրերի հանրահայտ աղետներից հետո, երբ կառավարությունը շրջանառությունից հանել էր արծաթը։ Միստր Սլոքումն էլ այն ժամանակ ութ հարյուր հազար կորցրեց։ Միստր Դեվիդսոնը մեկ միլիոն շահեց «Վերջին հայտից»՝ Ամադորյան օկրուգի գետի չորացած հունից, իսկ աղջկա հայրը՝ ութ միլիոն։ Միստր Քրոքետը դեռևս պատանի հասակում աղջկա հոր հետ «քերեց» Մերսեդ գետի հունը, դարձավ նրա խաչեղբայրը, երբ նա ամուսնանում էր աղջկա մոր հետ, և Գրանթս֊Փասսում լեյտենանտ Գրանտի ու նրա հետ պոքեր էր խաղում. արևմուտքը այդ մարդու մասին գիտեր միայն, որ նա հաջողությամբ կռվում է հնդիկների դեմ և վատ պոքեր է խաղում։

Իսկ այժմ Դիկ Ֆորրեսթն ամուսնացել էր Ֆիլիպ Դեսթենի դստեր հետ։ Այս դեպքում նրան երջանկություն ցանկանալու ոչ մի առիթ չկար։ Ընդհակառակը, անհրաժեշտ էր ապացուցել, որ նա դեռ չի հասկանում, թե ինչպիսի երջանկություն է պարգևել ճակատագիրը նրան։ Խնամատարները ներեցին Դիկի բոլոր մեղքերն ու խենթությունները։ Նա հաջող ընտրություն էր կատարել և, վերջապես, վարվել էր միանգամայն խելամտորեն։ Ավելին, նա հանճարեղ քայլ էր կատարել։ Պաոլա Դեսթե՜նը։ Ֆիլիպ Դեսթենի դուստրը։ Դեսթենների արյո՜ւնը։ Դեսթենների ու Ֆորրեսթների միությո՜ւնը։ Դա ամեն ինչի փոխհատուցումն էր։ Եվ Ֆորրեսթի ու Դեսթենի տարիքն առած ընկերները, որոնք ժամանակին նրանց, այժմ արդեն աշխարհից հեռացածների հետ ապրել էին անցյալի ոսկի օրերը, Դիկի հետ խոսեցին նույնիսկ շատ խիստ։ Նրանք հիշեցրին Դիկին հասած գանձի վիթխարի արժեքի մասին, այն պարտականությունների մասին, որպիսիք ստանձնելու է նա այդպիսի ամուսնությունից հետո, և Դեսթենների ու Ֆորրեսթների բոլոր գեղեցիկ ավանդությունների ու բարեգործությունների մասին. այնքան խոսեցին, որ ի վերջո Դիկը ծիծաղեց ու ընդհատեց նրանց, հայտարարելով, թե խնամատարները դատում են ձիաբույծների կամ եվգենիկայի հողի վրա խելքները թռցրած հիմարների նման։ Եվ դա զուտ ճշմարտություն էր, թեև նմանօրինակ հայտարարությունը նրանց այնքան էլ հաճույք չպատճառեց։

Բավական էր և այն, որ նա ամուսնացել էր Դեսթենների տոհմի աղջկա հետ, ու խնամատարները խրախուսեցին թե Մեծ տան ծրագիրը և թե դրա հետ կապված ծախսերը։ Պաոլա Դեսթենի շնորհիվ նրանք այս անգամ խոստովաննցին, որ Դիկի ծախսերը խելացի են ու նպատակասլաց։ Ինչ վերաբերում է նրա գյուղատնտեսական զվարճություններին, ապա, քանի որ «Հարվեսթ խմբի» հանքերը բարգավաճում են, թող զվարճանա։ Նա լիովին իրավունք ուներ թույլ տալու իրեն ինչ֊որ տարօրինակություններ։

Համենայն դեպս, միստր Սլոքումը հայտարարեց.

— Քսանհինգ հազար վճարել բեռնակիր հովատակին՝ խենթություն է։ Քանի որ բեռնակիր ձին՝ բեռնակիր ձի է։ Ես դեռ կհասկանայի, եթե դուք արշավաձի գնեիք։

Գլուխ VII

Այն ժամանակ, երբ Դիկ Ֆորրեսթն աչքի էր անցկացնոմ Այհովա նահանգում հրատարակված խոզերի ժանտախտի մասին գրքույկը, բակի հեռու ծայրից հասան ինչ-որ ձայներ, որոնք վկայում էին Դիկի անկողնի վրա կախած շրջանակում ծիծաղող և ընդամենը մի քանի ժամ առաջ ննջարանի հատակին իր վարդագույն, ժանեկավոր գիշերային, գլխարկը թողած (որը վերցրել էր հոգատար սպասավորը) կնոջ արթնանալու մասին։

Դիկը լսեց նրա ձայնը, քանզի կինը թռչնակի պես երգով էր արթնանում։ Նա երգում էր, և նրա հնչեղ ելևէջները ներս էին խուժում մերթ մի, մերթ մյուս պատուհանից ու լսվում էին երկար կողաշենքով մեկ։ Հետո նա կնոջ ձայնը լսեց բակի կենտրոնում գտնվող պարտեզից, բայց կինը հանկարծ դադարեց երգել, որպեսզի դիտողություն անի իր շնիկին, որը գայթակղվել էր շատրվանի ավազանում լողացող, խայտաբղետ լողակներով ճապոնական նարնջա֊կարմրագույն ձկնիկներով։

Ֆորրեսթն ուրախացավ կնոջ արթնանալուց, այդ հաճույքն ամեն անգամ միշտ նոր էր, ու թեև ինքը շատ ավելի վաղ էր ոտքի վրա լինում, սակայն Մեծ տունը թվում էր ոչ լրիվ արթնացած, քանի դեռ բակից չէր լսվում Պաոլայի առավոտյան երգը։

Բայց, ուրախություն ապրելով նրա արթնանալուց, Դիկը սովորականի պես իսկույն մոռացավ կնոջ մասին. նրան կլանեցին գործերը։ Նա դարձյալ խորասուզվեց Այհովայում խոզերի ժանտախտի համաճարակի մասին եղած թվական տվյալների մեջ, և Պաոլան անհետացավ նրա գիտակցությունից։

— Բարի լույս, ուրախ Դիկ,— քիչ հետո ողջունեց նրա ականջին միշտ ախորժալուր ձայնը, և բարեկազմ ու առույգ Պաոլան մոտեցավ առավոտյան թեթև կիմոնոյով, գրկեց նրա պարանոցը և նստեց Դիկի՝ պատրաստակամորեն մատուցվող ծնկին։ Ֆորրեսթը սեղմեց նրան, ցույց տալով, որ շատ է գնահատում կնոջ ներկայությունն ու մոտիկությունը, թեև հայացքը մի կես րոպե դեռևս չէր կտրվում այն եզրահանգումներից, որ կատարել էր պրոֆեսոր Քենլին խոզերի ժանտախտի վերաբերյալ, և այն փորձերից, որոնք կատարվել էին Վաշինգտոնում, Այհովա նահանգի, Սայմոն Ջոնսի ֆերմայում։

— Այ թե ինչպիսին եք դուք,— վրդովվեց նա։— Ձեր բախտը շատ է բերում, պարոն։ Դուք երջանկությունից հագեցել եք։ Ձեզ մոտ է եկել ձեր կինը, ձեր մանչուկը, ձեր «փոքրիկ, հպարտ լուսինը», իսկ դուք նրան նույնիսկ չեք ասում. «Բարի լույս, սիրելի մանչուկ, խաղաղ ու անո՞ւշ եք քնել արդյոք»։

Դիկը կտրվեց պրոֆեսոր Քենլիի բերած թվերից, ամուր սեղմեց կնոջը, համբուրեց նրան, բայց աջ ձեռքի ցուցամատով համառորեն պահում էր գրքույկի անհրաժեշտ էջը։

Սակայն նրա խոսքերից հետո այլևս չհարցրեց, ինչպես կամենում էր քիչ առաջ, թե կինը լա՞վ է քնել արդյոք այն բանից հետո, երբ գիշերային գլխարկը թողել էր իր անկողնու մոտ։ Դիկը փակեց գրքույկը, շարունակելով մատը պահել էջերի արանքում, և երկու ձեռքով գրկեց Պաոլային։

— Օ՜... Օ... Լսիր,— Գոչեց հանկարծ կինը։— Լսո՞ւմ ես։

Բաց պատուհաններից լսվեցին լորամարգիների երգեցիկ կանչերը։

Թեթև մի թրթիռով նա սեղմվեց Դիկին. Պաոլային բերկրանք էին պատճառում այդ քնքուշ հնչյունները։

— Սկսում են կանչել,— ասաց Դիկը։

— Ուրեմն, գարուն է,— բացականչեց Պաոլան։

— Եվ նշան է, որ լավ եղանակ է լինելու։

— Ու սեր։

— Այո, ու թռչունները բներ կհյուսեն, ձու կդնեն,— ծիծաղեց Դիկը։

— Ես երբեք այնպես չեմ զգացել աշխարհի պտղառատությունը, ինչպես այսօր,— շարունակեց Դիկը։— Լեդի Այլթոնը տասնմեկ խոճկոր է ծնել։ Այսօր անգորական այծերին էլ բերեցին սարերից, նրանց էլ ծնի ժամանակն է։ Մի տեսնեիր նրանց։ Եվ վայրի դեղձանիկներն էլ աստված գիտե, թե որքան ժամանակ են բակում քննարկում իրենց ամուսնական գործերը. կարելի է նույնիսկ ենթադրել, որ ազատամիտ սիրո որևէ մի երկրպագու փորձում է քայքայել նրանց խաղաղ միասեր ամուսնությունը ինչ-որ նոր, նորաթուխ տեսություններ քարոզելով։ Զարմանալի է, թե ինչպես այդ ասուլիսները քեզ չեն խանգարել քնելու։ Ահավասիկ, դարձչալ սկսեցին... Ինչ է, նրանք ցավակցությո՞ւն են հայտնում, թե՞ ըմբոստանում են։

Նորից լսվեց դեղձանիկների թրթռացող, քնքուշ ճռվողյունը, որը սակայն հուզված երանգ ուներ և աստիճանաբար դառնում էր ականջ ծակող ծվծվոց։ Պաոլան և Դիկը հիացմունքով նրանց էին լսում, երբ հանկարծ ոսկեգույն սիրահարների այդ երգչախմբին, ճակատագրի անսպասելիությամբ, ակնթարթորեն խեղդելով ու կլանելով, հնչեց մեկ ուրիշ, ոչ պակաս վայրի, կրքոտ ու երգեցիկ, բայց միևնույն ժամանակ իր հզորությամբ ու ընդարձակությամբ ապշեցնող մի ձայն։

Տղամարդն ու կինը նույն պահին իրենց ագահ հայացքննրն ապակեպատ դռնից հառեցին դեպի յասամաններով ծածկված արահետը և, շունչները պահած, սպասեցին, թե երբ է այնտեղ հայտնվելու հովատակը, քանզի այդ նա էր գոչում իր սիրո կանչը։ Մինչև արահետում հայտնվելը՝ նա մի անգամ էլ ձայն տվեց, և Դիկն ասաց.

— Ես կերգեմ քեզ համար, իմ հպարտ լուսին։ Այդ երգը ես չեմ հորինել։ Դա մեր Լեռնցու երգն է։ Այդ նա է փողահարում։ Լսո՞ւմ ես, նորից... Ահա թե ինչ է նա երգում. «Ունկնդրեցեք ինձ։ Ես Էրոսն եմ։ Ես ոտնատակ եմ տալիս բլուրները. իմ ձայնով լի են լայնարձակ հովիտները։ Զամբիկները հիշում են իմ ձայնը, չէ՞ որ մինչև իրենց ծնունդը այն ապրել է նրանց մայրերի արյան մեջ։ Ունկնդրեցեք ինձ։ Ես Էրոսն եմ։ Ես ոտնատակ եմ տալիս բլուրները. և, որպես մունետիկներ, հովիտները տարածում են իմ խրխինջը, լուր տալով իմ ժամանման մասին»։

Պաոլան ավելի սեղմվեց ամուսնուն, և նա ամուր գրկեց կնոջր։ Պաոլան շրթունքներով հպվեց նրա ճակատին։ Երկուսով նայում էին արահետին, որտեղ հանկարծ, վեհատեսիլ ու գեղեցիկ պատրանքի պես, հայտնվեց Լեռնցին։ Նրա մեջքին նստած մարդը ծիծաղելու չափ փոքրիկ էր թվում. Լեռնցու աչքերը մի փոքր ձգված էին, ինչպես սովորաբար լինում է ցեղական հովատակների մոտ, ունեին կապտավուն փայլ, և այրվում էին կրքոտությամբ։ Նա մերթ թեքում էր գլուխը, և փրփուր շաղ տալով, հուզմունքից գողացող շուրթերը հպում մետաքսանման ծնկներին, մերթ էլ ետ էր գցում ու, օդը ցնցելով, դեպի երկինք էր նետում իր տիրական կանչը։

Եվ, գրեթե արձագանքի նման, հեռուներից լսվեց երգեցիկ, քնքուշ մի խրխինջ որպես պատասխան։

— Իշխանուհին է,— շշնջաց Պաոլան։

Լեռնցին դարձյալ կանչեց, և Դիկը երգեց նրա հետ.

— «Ունկնդրեցեք ինձ։ Ես Էրոսն եմ։ Ես ոտնատակ եմ տալիս բլուրները»...

Եվ Դիկի քնքուշ ձեռքերի օղակում սեղմված Պաոլան հանկարծ խանդի բռնկում զգաց սքանչելի այդ կենդանու նկատմամբ, որն այնպես հիացնում էր ամուսնուն։ Բայց բռնկումն անմիջապես մարեց և, իրեն մեղավոր զգալով, կինն ուրախ բացականչեց.

— Իսկ հիմա, Ալ Ամպ, երգիր կաղինի մասին։

Արդեն նորից գրքույկով տարված Դիկը մտացրիվ նայեց Պաոլային, հետո սթափվեց և նույն մոլի ուրախությամբ երգեց.

Կաղիններ են թափվում երկնքից,
Ես փոքրիկ կաղին եմ տնկում այս հովտում,
Ես մեծ կաղին եմ տնկում այս հովտում,
Ես աճում եմ, ես՝ ծեր կաղնու կաղինը։
Ես աճում եմ, աճում։

Մինչ նա երգում էր, Պաոլան ամուր սեղմված նստել էր, բայց երբ երգն ավարտվեց, զգաց Դիկի ձեռքի անհամբեր շարժումը, որ դեռ բռնել էր խոզերի մասին գրքույկը, և նկատեց թռուցիկ հայացքը, որն ակամա սահեց գրասեղանին դրված ժամացույցի վրա. ժամը 11 անց էր 25 րոպե։ Եվ գարձյալ Պաոլան փորձեց պահել նրան, և դարձյալ նրա խոսքերում հնչեց թեթևակի կշտամբանքը։

— Դու տարօրինակ, զարմանալի արարած ես, Ալ Ամպ,— դանդաղ խոսեց Պաոլան։— Երբեմն ինձ թվում է, որ դու իսկապես Ալ Ամպն ես, տնկում ես կաղինները, իսկ հետո փառաբանում ես աշխատանքի նախնադարյան բերկրանքը։ Իսկ երբեմն էլ դու ինձ թվում ես հույժ ժամանակակից մարդ, երկոտանիների արքայության մեջ վերջին խոսք, տղամարդ, որի համար վիճակագրական աղյուսակները իսկական Տրոյական պատերազմ է, որը միշտ զինված է փորձանոթներով ու սրսկիչներով, որոնց օգնությամբ, գլադիատորի պես, նա պայքարում է տարբեր խորհրդավոր միկրոօրգանիզմների դեմ։ Հաճախ պատրաստ եմ նույնիսկ խոստովանելու, որ վատ չէր լինի, եթե ակնոց էլ կրեիր, ճաղատանայիր և որ...

— Եվ որ ես, զառամյալս, արդեն իրավունք չունեմ կին գրկելու,— ավարտեց նա, ավելի ամուր գրկելով կնոջը։— Եվ որ ես ընդամենը մի տխմար, վարժեցրած կապիկ եմ և արժանի չեմ այդ «նուրբ֊վարդագույն փոշու թեթև ամպիկին»։ Լսիր, ես մի ծրագիր ունեմ։ Մի քանի օր անց...

Բայց նա այնպես էլ չկարողացավ ավարտել, թե ինչումն է կայանում իր ծրագիրը. իրենց հետևում լսվեց զուսպ հազի ձայն, և, միաժամանակ ետ շրջելով գլուխները, նրանք տեսան Բոնբրայթին՝ քարտուղարի օգնականին, դեղնավուն թերթիկների փաթեթը ձեռքին։

— Չորս հեռագիր է ստացվել,— շփոթված ասաց նա։— Եվ միստր Բլայքը կարծում է, որ դրանցից երկուսը շատ կարևոր են։ Մեկը Չիլի ուղարկելիք ցլերի առիթով է...

Պաոլան դանդաղ վար սահեց ամուսնու ծնկներից և ոտքի կանգնեց։ Նա զգաց որ Դիկը դարձյալ հեռանում է իրենից, վերադառնում է այդ վիճակագրական աղյուսակներին, բեռնագրերին, քարտուղարներին ու կառավարիչներին։

— Հե՜յ, Պաոլա,— գոչեց Դիկը, երբ կինն արդեն հասել էր շեմքին։— Ես արդեն անուն եմ դրել այդ նոր տղային. Օ֊Հո։ Հավանո՞ւմ ես։

Կնոջ պատասխանում վհատության նոտաներ հնչեցին, սակայն նա անմիջապես ժպտաց.

— Դու միշտ խաղում ես մեր բոյերի անուններով... Եթե այդ ոգով շարունակես, շուտով ստիպված կլինես նրանց անվանել «Օ-Կատու», «Օ-Ձի», «Օ-Ցուլ»։

— Փոխարենը ես այդ բանը ինձ թույլ չեմ տա ցեղական անասունների նկատմամբ,— հանդիսավորությամբ պատասխանեց Դիկը, թեև աչքերի խորամանկ փայլն ասում էր, որ կատակում է։

— Ես դա չէի ուզում ասել,— առարկեց կինը։— Սակայն լեզուն սահմանափակ հնարավորություններ ունի։ Իզուր ես ամեն բան սկսում «Օ»-ով։

Երկուսն էլ ուրախ ծիծաղեցին։ Պաոլան անհետացավ, իսկ մեկ վայրկյան անց Ֆորրեսթը, բացելով հեռագիրը, խորասուզվեց յուրաքանչյուրը երկու հարյուր հիսուն դոլլար արժողությամբ երեք հարյուր գլուխ մեկ տարեկան ցլերին Չիլիի անասնապահական ռանչո ուղարկելու մանրամասնությունների մեջ։ Այնուամենայնիվ, բակով դեպի իր կողաշենքը գնացած Պաոլայի երգը, ինչպես միշտ, նրան բավականություն էր պատճառում։ Նա նույնիսկ չնկատեց, որ կնոջ ձայնը փոքր֊ինչ ավելի նվազ էր ուրախ, քան սովորաբար։

Գլուխ VIII

Պաոլայի գնալուց ուղիղ հինգ րոպե անց Դիկը մի կողմ դրեց հեռագրերը, դուրս եկավ ու նստեց մեքենա։

Նրա հետ նստեցին Այդահոյից եկած գնորդ Թեյերը և «Անասնապահի թերթի» թղթակից Նեյսմիթը։ Ոչխարաբուծության կառավարիչ Ուորդմենը նրան միացավ մեծ փարախի մոտ, որտեղ հավաքել էին քննության ենթակա մի քանի հազար շրոփշիրյան ոչխարներ։

Ֆորրեսթը լուռ էր, գտնելով, որ խոսակցության համար առանձնապես առիթ չկա, և Թեյերը այդ պատճառով բացահայտորեն վշտացած էր, քանզի նրան թվում էր, որ տասը վագոն թանկարժեք անասուն գնելիս չէր խանգարի նաև մի քիչ խոսք ու զրույց անել։

— Տեսքից էլ հայտնի է, թե ինչ անասուններ են,— հանգստացրեց նրան Դիկը և դարձավ Նեյսմիթին, որպեսզի մի քանի տվյալներ հաղորդի Կալիֆորնիայում և հյուսիս֊արևմուտքում շրոփշիրյան ցեղի բուծման մասին հոդվածի համար։

— Խորհուրդ չէի տա Ժամանակ կորցնել ընտրության վրա,— մի քանի րոպե անց Թեյերին դիմեց Դիկը։— Բոլորն էլ լավ են, նույնիսկ՝ «լավագույնները»։ Դուք կարող եք ամբողջ շաբաթ ընտրել ձեր տասը վագոնը, և ոչ մի տարբերություն չի լինի, եթե վերցնեիք առանց ընտրության։

Ֆորրեսթի անվրդով վստահությունն այն մասին, թե գործարքն արդեն կատարվել է, և Թեյերի համար միանգամայն բացահայտ այն փաստը, որ այսպիսի ոչխարներ դեռ տեսած չկա, ստիպեցին նրան վճռականություն ցուցաբերել և տասի փոխարեն պատվիրել քսան վագոն։

Երբ նրանք տուն վերադարձան, Թեյերը, Նեյսմիթի հետ շարունակելով բիլիարդի խաղը, որն ընդհատվել էր ոչխարներն աչքի անցկացնելու անհրաժեշտությամբ, իր խաղընկերոջն ասաց.

— Ես առաջին անգամ եմ լինում Ֆորրեսթի կալվածքում։ Նա հրաշագործ է։ Ես հաճախ եմ Արևելյան նահանգներից անասուններ գնել, բայց այս ոչխարները հմայեցին ինձ։ Դուք նկատեցի՞ք, որ ես կրկնապատկեցի պատվերը։ Այդահոյի իմ հաճախորդները խելքները կկորցնեն դրանց տեսքից։ Ճիշտն ասած, ինձ հանձնարարել էին գնել վեց վագոն և, իմ նկատառումներից ելնելով, ավելացնել ևս երկու վագոն։ Բայց եթե ամեն գնորդ այդ ոչխարները տեսնելով չկրկնապատկի իր պատվերը, և եթե մնացյալի համար էլ աղմուկ չբարձրանա, ապա ես անասուններից ոչինչ չեմ հասկանում։ Հրաշալի են։ Ու եթե այդ ոչխարները Այդահոյում հեղաշրջում չկատարեն, կնշանակի ես առևտրական չեմ և ոչ էլ Ֆորրեսթը՝ անասնապահ։

Երբ հնչեց նախաճաշի հրավիրող մեծ, բրոնզե գոնգը, որ Ֆորրեսթը գնել էր Կորեայում (գոնգը խփում էին այն դեպքում միայն, երբ հայտնի էր, որ Պաոլան քնած չէ), Դիկը դուրս եկավ ընդարձակ ներքին բակն ու միացավ ոսկե ձկնիկներով ավազանի շուրջր հավաքված երիտասարդությանը։ Բերթ Ուեյնռայթը, հնազանդորեն ենթարկվելով քրոջր Ռիտային, ու նաև Պաոլային ու նրա քույրերին՝ Լյութին ու Էրնեստինային, փորձում էր ավազանից ցանցով որսալ արտակարգ գեղեցիկ ձկնիկին, որը նման էր ոսկեգուչն ծաղիկի. ձկան չափն ու գույնը, ինչպես նաև լողակներն ու պոչը հմայել էին Պաոլային, ու նա որոշել էր ձկնիկին տեղափոխել սեփական ներքին բակի հատուկ ավազանի մեջ։

Ուրախ ծիծաղի, ճիչերի ու վեճերի տակ հազվագյուտ ձկնիկը վերջապես բռնվեց, հայտնվեց բանկայի մեջ և հանձնվեց իտալացի պարտիզպանին, որը և տարավ։

— Հապա՞, ի՞նչ կարող ես ասել արդարացման համար,— կռվազանությամբ հարցրեց Էրնեստինան, երբ Դիկը մոտեցավ։

— Ոչինչ,— ասաց նա վհատ ձայնով։— Կալվածքը դատարկվում է։ Վաղը երեք հարյուր սքանչելի ցլիկներ մեկնում են Հարավային Ամերիկա, իսկ Թեյերը, որին տեսաք երեկ երեկոյան, քսան վագոն ոչխար է տանում։ Մի բան կարող եմ ասել միայն. ես շնորհավորում եմ Այդահոյին ու Չիլիին այդպիսի հաջողության համար։

— Ահելի շատ կաղին տնկիր,— ծիծաղեց Պաոլան. նա կանգնել էր երկու քույրերին գրկած, և երեքով ասես ժպտացող գրացիաներ լինեին։

— Դի՛կ, Դի՛կ, երգիր կաղինների մասին երգը,— խնդրեց Լյութը։

Նա շարժեց գլուխը։

— Ես հիմա մի երգ գիտեմ, որն ավելի լավ է։ Բայց այդ երգը աստվածային ծրագրով է։ Ի՜նչ համեմատություն Ալ Ամպի ու նրա երգի հետ։ Լսեցեք։ Նյու-Յորքի աղքատ թաղամասերից մի աղջնակ կիրակնօրյա դպրոցի հետ առաջին անգամ քաղաքից գուրս է գալիս։ Աղջնակը շատ փոքրիկ է։ Հատկապես ուշադրություն դարձրեք նրա թլիկությանը.

Լճակում խաղում են ոսկե ձկնիկներ
Եվ ծալի ճյուղին ծիտն է ծլվլում։
Ո՞վ է սովոլեցլել լողալ, ծլվլալ։
Ո՞վ է թլչուննելին գույնելով պատել.
Աստվածն է ալել, աստվածն է ալել։

— Գողացված է,— հայտարարեց Էրնեստինան, երբ, վերջապես, ծիծաղը դադարեց։

— Իհարկե,— համաձայնեց Դիկը։— Երգը գտել եմ «Ֆերմեր ու անասնապահ» թերթում, որն արտատպել է «Խոզապահի հանդեսից», սա էլ՝ «Արևմտյան իրավաբանից», իսկ «Արևմտյան իրավաբանն» էլ երգը վերցրել է «Հասարակության ձայնից», «Հասարակության ձայնն» էլ անտարակույս ստացել է աղջկանից կամ, ավելի ճիշտ, կիրակնօրյա դպրոցի ուսուցչից։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ երգն առաջին անգամ պետք է տպագրվեր «Մեր մունջ անասունները» հանդեսում։

Երկրորդ անգամ թնդաց գոնգը, և Պաոլան, մի ձեռքով գրկելով Ռիտային, մյուսով Ֆորրեսթին, քայլեց դեպի տուն, իսկ Լյութի ու Էրնեստինայի հետ հետևից եկող Բերթը քայլելու ընթացքում աղջիկներին ցույց էր տալիս տանգոյի նոր պարը։

— Մի բան էլ ասեմ, Թեյեր,— կիսաձայն ասաց Դիկը, կտրվելով կանանցից, որոնք ճաշարան տանող սանդուղքի մոտ հանդիպելով արդեն իրենց սպասող Թեյերին ու Նեյսմիթին, դեպի վար շտապեցին։— Նախքան մեկնելը մերինոսներին էլ աչքի անցկացրեք։ Ես իսկապես կարող եմ պարծենալ, և ամերիկյան մեր ոչխարաբույծներն ստիպված կլինեն ծանոթանալ դրանց հետ։ Իհարկե, ես սկսել եմ ներմուծվող անասուններով, բայց հիմա ստեղծել եմ կալիֆորնիական հատուկ տեսակ։ Ֆրանսիացիներն ուղղակի խենթանում են։ Մի հինգ գլուխ վերցրեք ձեզ հետ, և ձեր անասնապահները թող հիանան մի քիչ։

Նրանք նստեցին սեղանի մոտ, որն, ըստ երևույթին, կարելի էր բացել անսահմանորեն։ Երկարավուն և ցածրիկ ճաշասենյակը հին Կալիֆորնիայի մեքսիկական հողային արքաների ճաշարանների ճշգրիտ ընդօրինակությունն էր։ Հատակը բաղկացած էր դարչնագույն խոշոր սալերից, առաստաղի ու պատերի չորսուները ճերմակեցված էին, իսկ առանց որևէ զարդարանքի վիթխարի բուխարին զանգվածայնության և պարզության օրինակ կարող էր ծառայել։ Խոր պատուհաններից երևում էին ծառերն ու ծաղիկներր, և ողջ սրահը թողնում էր խստության, մաքրության ու թարմության տպավորություն։

Պատերը զարդարում էին մի քանի յուղաներկ կտավներ, աչքի ընկնող տեղում կախված էր Քսավիե Մարթինեսի՝ թախծոտ, գորշ երանգներով գործը. այնտեղ պատկերված էր մեքսիկական անծայր տխուր հարթավայրում նախնադարյան փայտե արորով ու դրան լծած երկու եզներով վար անող մի պեոն։ Կախված էին նաև ավելի գունագեղ պատկերներ մեքսիկա֊կալիֆորնիական նախկին կյանքի թեմաններով. Ռեյմերսի կտավը՝ աղջամուղջում հալվող Էվկալիպտներով ու հեռավոր, վերջալույսի տակ փայլող լեռնագագաթով, Պեթերսի «Լուսնի լույսի տակ» բնանկարն ու Գրիֆֆինի «Ամառային օրը», որտեղ առաջին պլանում դեղնավուն արտն էր, իսկ հեռուներում ձգվում էին դարչնագույն, ալ մուժով պարուրված անտառաշատ կիրճերով, կալիֆորնիական լեռների նուրբ, մառախլապատ ուրվագծերը։

— Գիտեք ինչ,— կիսաձայն ասաց Թեյերը իր կողքին նստած Նեյսմիթին, երբ Դիկը սրամտում ու կատակում էր օրիորդների հետ,— ահավասիկ հարուստ նյութ, եթե գրելու լինեք Մեծ տան մասին։ Ես տեսա ծառաների ճաշարանը, Այնտեղ, սեղանի շուրջը նստում են, պարտիզպաններին, վարորդներին ու օրավարձու մշակներին էլ հաշված, մոտ քառասուն մարդ։ Իսկական հյուրանոց է։ Այս բոլորը ղեկավարելու համար անհրաժեշտ է սիստեմ, անհրաժեշտ է գլուխ։ Հավատացեք, որ այդ չինացի Օ֊Երգը իսկական մոգ է ու հրաշագործ, կարծեմ ծառայապետն է կամ տնտեսվարը։ Եվ այս ձեռնարկության, ես չգիտեմ ինչպես կոչեմ այն, կյանքն ընթանում է առանց արգելքի, առանց խոչընդոտի։

— Մոգն ու հրաշագործը Ֆորրեսթն է,— ասաց Նեյսմիթը։— Նա կարողանում է ընտրել մարդկանց, պայծառ գլուխ ունի, նա կարող էր վիթխարի մի բանակի հրամանատարությունն էլ ստանձնել, ղեկավարել պետությունը և նույնիսկ երեք խաղասպարեզ ունեցող կրկես տնօրինել։

— Այ դա իսկապես հաճոյախոսությո՜ւն է,— ծիծաղեք Թեյերը։

— Գիտես, Պաոլա,— սեղանի վկայով Դիկը դիմեց կնոջը,— ես հիմա լուր ստացա, որ վաղն առավոտյան այստեղ կլինի Գրեհեմը։ Օ-Երգին ասա, որ նրան տեղավորի պահակատան աշտարակում։ Այնտեղ ընդարձակ է, և, գուցե, Գրեհեմը կիրագործի իր սպառնալիքն ու կսկսի աշխատել գրքի վյրա։

— Գրեհեմ... Գրեհեմ...— փորձեց հիշել Պաոլան։— Ես նրան ճանաչո՞ւմ եմ։

— Նրան հանդիպել ես մեկ անգամ, երկու տարի առաջ, Սանթ֊Յագոյում, «Վեներա» սրճարանում։ Այն ժամանակ նա մեզ հետ էր ճաշում։

— Ա՛հ... ծովային սպաներից մեկը։

Դիկը գլուխը շարժեց։

— Քաղաքացիական է։ Մի՞թե չես հիշում։ Բարձրահասակ էր, շիկահեր... Միասին մոտ կես ժամ խոսում էինք երաժշտության մասին, իսկ կապիտան Ջոյսը ամեն կերպ ջանում էր մեզ ապացուցել, որ Միացյալ Նահանգները պետք է զրահապատ բռունցքով հաշվեհարդար տեսնեն Մեքսիկայի հետ։

— Հիմա կարծես թե հիշեցի,— անվստահ ասաց Պաոլան։— Դու նրա հետ ծանոթացել ես Հարավային Աֆրիկայո՞ւմ։ Թե՞ Ֆիլիպինյան կղզիներում։

— Հա՛, հա՛... Հարավային Աֆրիկայում։ Իվեն Գրեհեմ։ Մեր երկրորդ հանդիպումը տեղի ունեցով Դեղին ծովում, «Թայմսի» հատուկ նավի վրա։ Իսկ հետո մի տասն անգամ մեր ճանապարհները խաչվել են, բայց մեզ չի հաջողվել այնուամենայնիվ հանդիպել իրար, մինչև «Վեներա» սրճարանի այն երեկոն։

Հիշում եմ, որ նա Բորա֊Բորայից դեպի արևելք մեկնեց երկու օր ավելի շուտ, քան ես այնտեղ խարիսխ կնետեի Սամոայի ճանապարհին։ Հետո ես հեռացա Ափիայից՝ նրան հասցեագրված ամերիկյան հյուպատոսի նամակը ձեռքիս, իսկ նա մեկ օր անց հայտնվել էր այնտեղ։ Հետո մենք երեք օր կորցրինք իրար Լևուքում, այն ժամանակ ես նավարկում էի «Վայրի բադով», իսկ նա Սուվից դուրս եկավ որպես հյուր բրիտանական հածանավի վրա։ Օվկիանիայի բրիտանական գլխավոր կոմիսար սըր Էվերարդ Իմ Թուրնը ինձ մի քանի նամակներ էլ տվեց Գրեհեմին հասցեագրված։ Ես նրան աչքից փախցրեցի Փորտ Ռեզոլյուշընում և Վիլում, Նոր Հեբրիդներում. նրանք հածանավով զբոսանքի էին դուրս եկել զվարճության համար։ Սանթա֊Քրուս արշիպելագում մենք անդադար մուկն ու կատու էինք խաղում։ Նույն բանը տեղի ունեցավ նաև Սոլոմոնյան կղզիներում։ Մի անգամ երեկոյան հածանավը կրակ բացեց Լանգա֊Լանգայի մոտ գտնվող մի քանի տեղական գյուղերի վրա, իսկ առավոտյան հեռացավ։ Ես այնտեղ հասա ճաշից հետո։ Այսպիսով չկարողացա նրան անձամբ հանձնել նամակներն ու նորից հանդիպեցի միայն երկու տարի անց, սրճարանում։

— Իսկ ո՞վ է նա, և այդ ի՞նչ գիրք է գրում,— հարցրեց Պաոլան։

— Ա՛հ, եթե վերջից սկսեմ, ապա՝ նախ սնանկացած մարդ է, այսինքն՝ հարաբերական իմաստով. տարեկան մի քանի հազարի եկամուտ է ստանում, բայց այն ամենը, ինչ թողել է հայրը, ջուրն է թափվել։ Ոչ, չկարծես, թե մսխել է. դժբախտաբար նա խրվել է «խաղաղ խուճապի» ժամանակ, որն այդքան զոհերի պատճառ դարձավ մի քանի տարի առաջ։ Եվ նա ունեցվածքը կորցրեց։ Բայց ոչինչ, չի դժգոհում։

Գրեհեմը հինավուրց և ազնիվ տոհմից է, զտարյուն ամերիկացի, ավարտել է Ելի համալսարանը։ Իսկ գիրքը... Նա կարծում է, թե հաջողություն կունենա։ Գրքում նկարագրում է անցյալ տարի կատարած ճանապարհորդությունը հարավային Ամերիկայում՝ արևմտյան ափերից դեպի արևելք։ Դա բավականին անհայտ, չուսումնասիրված երկրամաս է։ Բրազիլական կառավարությունը սեփական նախաձեռնությամբ նրան տասը հազար դոլլար հոնորար է առաջարկել երկրի չուսումնասիրված շրջանների մասին տեղեկություններ հաղորդելու համար։ Օհ, Գրեհեմը իսկական մարդ է։ Իսկական տղամարդ։ Նրա վրա կարելի է հույս դնել։ Գիտե՞ս, մեծահոգի, ուժեղ, պարզ, մաքուր սրտով մարդ է, ամեն տեղ եղել է, ամեն ինչ տեսել, շատ բան է անցել նրա գլխով. և միևնույն ժամանակ շատ ազնիվ է, նայում է ուղիղ մարդու աչքերի մեջ։ Մի խոսքով տղամարդ է, բառիս լավագոււն իմաստով։

Էրնեստինան ծափ տվեց և, ծաղրական, գրգռող ու հաղթական մի հայացք նետելով Բերթ Ուեյնռայթի վրա, գոչեց.

— Եվ նա վաղը ժամանո՞ւմ է։

Դիկը հանդիմանական արտահայտությամբ շարժեց գլուխը։

— Օհ, ո՛չ, Էրնեստինա, այս դեպքում ոչինչ չի ստացվի։ Քեզ նման շատ անուշիկ աղջիկներ են փորձել իրենց ցանցով որսալ Իվեն Գրեհեմին։ Եվ, մեր մեջ ասած, ես նրանց միանգամայն հասկանում եմ։ Բայց Գրեհեմը հիանալի թոքեր ու երկար ոտքեր ունի, և դեռ էդ ոքի չի հաջողվել նրան պատին սեղմել, որտեղ արդեն շշմած և ուժաթափ, վերջապես, մեքենաբար մրմնջար ճակատագրական «այո»֊ն ու սթափվեր արդեն գերության մեջ, ձեռքերն ու ոտքերը կապված, դաջված ու ամուսնացած։ Մոռացիր քո այդ մտադրությունները, Էրնեստինա։ Հավատարիմ մնա ոսկի երիտասարդությանը. պոկիր նրա ոսկի խնձորները, միևնույն ժամանակ ձևացնելով, թե դա քեզ բնավ չի հետաքրքրում։ Իսկ Գրեհեմի հետ գործ չունենաս։ Նա գրեթե հասակակից է ինձ, ինձ նման թափառել է չտրորված ճամփաներով ու շատ բան է տեսել։ Եվ կարողանում է ժամանակին կծիկը դնել։ Նա անցել է կրակի, ջրի ու պղնձե փողերի միջով։ Հեզ է, բայց անորսալի։ Բացի այդ, երիտասարդ աղջիկներն այլևս նրան չեն հետաքրքրում։ իհարկե, դուք կարող եք կասկածել բարոյական վախկոտության մեջ, բայց հավատացնում եմ, որ նա ուղղակի կոփվել է կյանքում, կենսափորձ ունի և շատ իմաստուն է։

Գլուխ IX

— Իսկ որտե՞ղ է իմ մանչուկը,— գոչում էր Դիկը Մեծ տնով մեկ դոփելով ու զրնգացնելով խթանները՝ փոքրիկ տիրուհուն որոնելով։

Վերջապես նա հասավ այն դռանը, որը տանում էր դեպի Պաոլայի կողաշենքը։

Դա մի ծանր, պանելածածկ դուռ էր, նույնպիսի պանելածածկ պատի մեջ։ Բռնակ չուներ, բայց գաղտնիքն իմացող Դիկը սեղմեց փոքրիկ զսպանակը, և դուռը բացվեց կրնկի վրա։

— Որտե՞ղ է իմ մանչուկը,— նորից գոչեց նա ու քայլեց երկար միջանցքով։

Նա մտավ վաննայի սենյակը, որի հատակին հռոմեական ավազան էր պատրաստված և ուներ մարմարե աստիճաններ. հետո՝ հանդերձասենյակ և բուդուար, սակայն՝ իզուր։ Լայն աստիճաններով նա բարձրացավ դեպի «Ջուլիետի աշտարակ» կոչվող Պաոլայի ննջարանը, որտեղ պատուհանի խորշում դրված էր կնոջ սիրելի գահավորակը, և ժպտաց, տեսնելով կանացի արդուզարդի սքանչելի, օդեղեն, ժանեկավոր պիտույքները, որոնք Պաոլան սովորության համաձայն դես ու դեն էր նետել, քանզի դրանց տեսքը նրան արտակարգ զգայական հաճույք էր պատճառում։ Մի պահ Դիկը կանգնեց նկարակալի առջև ու նայեց էտյուդին։ Նրա շուրթերից պոկվելու պատրաստ շփոթմունքի բացականչությունը փոխարինվեց գոհունակ մի ժպիտով, երբ ճեպանկարում ճանաչեց հուսահատությամբ մորը կանչող անճոռնի քուռակին։

— Որտե՞ղ ես ախր, իմ մանչուկ,— գոչեց նա արդեն պատշգամբի ննջարանի շեմին կանգնած. պարզվեց, որ այդտեղ էլ միայն չինուհին է, մոտ երեսուն տարեկան համեստ կինը, որը, ունքերը վեր ձգած, շփոթված ու իրեն կորցրած, ժպտում էր Դիկին։

Դա Պաոլայի նաժիշտն էր, Օյ֊Լան, որին Դիկը այդպես էր անվանել տարիներ առաջ, քանզի ունքերը միշտ ձգված էին դեպի վեր ու դեմքին զարմանքի մի այնպիսի արտահայտություն կար, որ ասես բացականչելիս լիներ. «Օյ-Լա»։ Պաոլայի համար Դիկը նրան բերել էր Դեղին ծովի ափին գտնվող ձկնորսական մի գյուղից, երբ դեռ փոքրիկ աղջիկ էր. մայրը, ամուսնուն կորցնելուց հետո, հազիվ էր գլուխը պահում ձկնորսների համար ուռկաններ հյուսելով և, եթե տարին հաջողակ էր, վաստակելով մինչև չորս դոլլար։ Օյ-Լան ծառայության անցավ Պաոլայի մոտ, երբ նավարկում էին «Ամեն բան մոռացիր» եռակայմ շխունայով, իսկ Օ-Երգը, որ դեռ նավի փոքրավոր էր, սկսեց իրեն այնպես դրսևորել, որի շնորհիվ մի քանի տարի անց դարձավ Մեծ տան ծառայապետը։

— Որտե՞ղ է ձեր տիրուհին, Օյ֊Լա։

Օյ-Լան, անհաղթահարելի ամոթխածությամբ, վախեցած ետ-ետ քաշվեց։

Դիկն սպասում էր։

— Գուցե նա երիտասարդ օրիորդների հե՞տ է։ Ես չգիտեմ,— թոթովեց նաժիշտը։

Դիկը խղճաց նրան, շրջվեց ու քայլեց դեպի դուռը։

— Որտե՞ղ է իմ մանչուկը,— գոչեց նա, դարբասի մոտ հայտնվելով ճիշտ այն րոպեին, երբ, յասամանի թփերը շրջանցելով, մոտեցավ մի լիմուզին։

— Գրողն ինձ տանի, եթե գիտեմ,— պատասխանեց մեքենայում նստած բարձրահասակ, շիկահեր, ամառային բաց գույնի կոստյումով մարդը, և հաջորդ պահին Դիկ Ֆորրեսթն ու Իվեն Գրեհեմը իրար ձեռք էին սեղմում։

Օ֊Տուրն ու Օ֊Հոն բերում էին փոքրիկ ճամպրուկները, իսկ Դիկը հյուրին առաջնորդեց այսպես կոչվող «Աշտարակում» նրան հատկացված սենյակը։

— Ստիպված կլինեք դեռևս վարժվել մեզ մոտ տիրող կարգուկանոնին, բարեկամս,— ասաց Դիկը։— Կյանքն այստեղ ընթանում է ժամ առ ժամ, ծառայախումբը խիստ կարգապահ է։ Բայց մենք ամեն տեսակ ազատություն թույլ ենք տալիս մեզ։ Եթե ժամանեիք երկու րոպե ուշ, ձեզ կդիմավորեին միայն մեր չինացի ծառաները. ես մտադրվել էի ձիով զբոսանքի գնալ, իսկ Պաոլան՝ միսիս Ֆորրեսթն արդեն անհետացել է։

Գրեհեմը գրեթե Ֆորրեսթի հասակին էր, թերևս մեկ դյույմ ավելի, բայց ուսերն ու կուրծքն ավելի նեղ էին, և մազերն էլ ավելի շեկ։ Երկուսի աչքերն էլ գրեթե միատեսակ էին՝ մոխրագույն, երկնագույն սպիտակուցներով, և երկուսի դեմքն էլ միատեսակ առողջ բրոնզագույն էր։ Գրեհեմի դիմագծերը փոքր ինչ ավելի խոշոր էին թվում, աչքերը մի փոքր ավելի ձգված էին, որոնք սակայն թաքնվում էին առավել ծանր կոպերի տակ։ Եվ քիթն էլ ասես ավելի ուղիղ էր ու խոշոր, քան Դիկի քիթը, ու շրթունքներն էլ ավելի կարմիր ու ասես մի փոքր ուռած։

Ֆորրեսթի մազերը մեղմ բաց֊դարչնագույն երանգ ունեին, իսկ Գրեհեմինը, անկասկած, ոսկու պես կփայլեին, եթե այնպես խանձված չլինեին արևի տակ, որ դարձել էին ավազագույն։ Երկուսի այտոսկրներն էլ դուրս էին ցցված, բայց Ֆորրեսթի այտափոսիկներն ավելի ընդգծված էին. երկուսի քիթն էլ լայն, նյարդային անցքեր ունեին, բերանները խոշոր էին, կանացի գեղեցկությամբ և նուրբ գծագրությամբ։ Միաժամանակ զգացվում էր թաքնված կամքի ուժ և խստություն, այնպես, ինչպես և ամուր, շեղ ծնոտի մեջ։

Սակայն մի փոքր բարձր հասակը և նվազ լայն կուրծքն, ու ուսերը Գրեհեմի մարմնին ու շարժումներին տալիս էին այն բարեկազմությունն ու ճկունությունը, որպիսիք բացակայում էին Դիկ Ֆորրեսթի մոտ։ Իրենց արտաքին յուրահատկությունների շնորհիվ նրանցից յուրաքանչյուրը միայն շահում էր մյուսի ներկայությունից։ Գրեհեմը պայծառ ու թեթև մարդ էր, որի մեջ զգացվում էր անորսալի մի հմայք, ինչ֊որ բան՝ հեքիաթային պրինցներից։ Ֆորրեսթն ավելի ուժեղ և խիստ մարդու տպավորություն էր թողնում, քան Գրեհեմը. նա ավելի վտանգավոր էր ուրիշների համար, ավելի համառ հետևողականությամբ։

Ֆորրեսթի հայացքը թռուցիկ սահեց ձեռքի ժամացույցի վրայով։ Այդ հայացքը ասես ի միջի այլոց ճշտեց ժամանակը։

— Տասնմեկն անց կես է,— ասաց Դիկը։— հիմա գնանք, Գրեհեմ, մենք ախր նախաճաշում ենք ժամը տասներկուսն անց կեսից ոչ շուտ։ Ես մի նախիր ցուլ եմ ուղարկում, երեք հարյուր գլուխ, և, պետք է խոստովանեմ, շատ եմ հպարտանում դրանցով։ Դուք անպայման պետք է տեսնեք իմ անասուններին։ Ոչինչ, որ հեծյալի հագուստով չեք։ Օ֊Հո, իմ սռնապաններից մի զույգ բեր, իսկ դու, Օ֊Երգ, հրամայիր, որ թամբեն Ալթադենին։ Ինչպիսի՞ թամբն եք գերադասում, Գրեհեմ։

— Միևնույն է, բարեկամ։

— Անգլիականն։ Ավստրալիակա՞ն։ Մեքսիկակա՞ն։ Շոտլանդակա՞ն,— պնդեց Դիկը։

— Եթե դժվար չէ, այդ դեպքում շոտլանդական,— ասաց Գրեհեմը։

Երկու հեծյալներն իրենց ձիերը պահել էին ճամփեզրին, և նրանց մոտով անցնում էր դեպի Չիլի կատարող ճանապարհորդությունն սկսած վիթխարի նախիրը։ Հեծյալները հետևում էին ցլերին, մինչև որ դրանք անհետացան ճանապարհի կեռմանից այն կողմ։

— Ես հիմա տեսնում եմ, թե ի՜նչ հրաշալի բան է այն, ինչ դուք անում եք,— գոչեց Գրեհեմը, և նրա աչքերը փայլեցին։— Երիտասարդ տարիներիս, երբ Արգենտինայում էի, ինքս էլ հրապուրվել էի անասնապահությամբ։ Եթե ես էլ գործն սկսեի այսպիսի ցեղական ցլերով, հավանաբար, չէի վառվի։

— Բայց այն ժամանակ չկային ոչ առվույտ և ոչ էլ արտեզյան ջրհորներ,— ասաց Դիկը, ջանալով մխիթարել նրան։— Շորթհորնները չէին դիմանա։ Երաշտին դիմանում են մանր անասունները, որոնք բավականին ուժ ունեն, բայց քաշով էլ թեթև են։ Սառնարաններով շոգենավեր նույնպես չկային։ Իսկ այդ գյուտը, իհարկե, անասնապահության ասպարեզում իսկական հեղափոխություն առաջացրեց։

— Բացի այդ, ես դեռ շատ երիտասարդ էի,— ավելացրեց Գրեհեմը։— Թեև այդ հանգամանքը, իհարկե, միշտ չէ, որ նշանակություն է ունենում։ Ինձ հետ միաժամանակ գործ սկսեց նաև մի երիտասարդ գերմանացի, ընդ որում, իմ դրամագլխի մեկ տասներորդի չափ գումար հազիվ ունենալով։ Նա դիմացավ թե՛ երաշտի տարիներին և թե՛ բոլոր ձախորդություններին։ Հիմա նա միլիոնատեր է. կարողությունն արտահայտվում է յոթանիշ թվերով։

Նրանք դարձան Մեծ տան կողմը, ու Դիկը դարձյալ նայեց ժամացույցին։

— Դեռ ահագին ժամանակ ունենք,— ասաց նա։— Շատ ուրախ եմ, որ տեսաք իմ մեկ տարեկան ցլիկներին։ Իսկ գիտե՞ք, թե այդ գերմանացին ինչու է դիմացել, նա ուրիշ ելք չի ունեցել։ Իսկ ձեզ սպասում էին հորենական դրամները, և ուզում էիք թափառել աշխարհով մեկ, ընդ որում ձեր գլխավոր բացը կայացել է նրանում, որ միջոցներ եք ունեցեք վերացնելու այդ ցավը...

— Այ այնտեղ,— Դիկը գլխով արեց դեպի աջ, ձեռքով ցույց տալով յասամանի թփերով ծածկված ինչ-որ բան,— այնտեղ ձկների լճակներն ենք որքան ուզեք կարող եք կարմրախայտ, ծովային պերկես և նույնիսկ ծովակատուներ որսալ։ Ամեն տեսակն իր ձկնարանն ունի։ Տեսնո՞ւմ եք, ինչ կծծի մարդ եմ. սիրում եմ, որ ամեն ինչ աշխատի։ Թող ութժամյա աշխատանքային օր հաստատեն, բայց ջուրն իմ կալվածքում աշխատում է քսանչորս ժամ։ Ջուրն իր աշխատանքն սկսում է դեռևս լեռներում։ Սկզբում ոռոգում է լեռնային մարգագետինները, հետո հոսում է հովիտ և, մի քանի մղոն անցնելով, ստանում է բյուրեղյա մաքրություն, լեռներից թափվելիս՝ առաջացող ջրվեժը տալիս է այն էներգիայի կեսը, որն անհրաժեշտ է կալվածքիս համար ու մեզ լրիվ ապահովում է լույսով։ Հետո ջուրը բաժանվում է, ջրանցքներով հոսում է դեպի լճակները և, այնտեղից դուրս հոսելով, ոռոգում է առվույտի մի քանի մղոն տարածությունները։ Եվ, հավատացեք, եթե դրանից հետո ջուրը չհոսեր Սաքրամենթո գետի հովիտը, ես նորից կօգտագործեի ոռոգման համար։

— Ա՛հ, սիրելիս,— ծիծաղելով ասաց Գրեհեմը,— դուք ախր կարող էիք մի պոեմ գրել այն հրաշքների մասին, որ կատարում է ջուրը։ Ես կրակապաշտների հանդիպել եմ, բայց այժմ առաջին անգամ եմ տեսնում ջրապաշտի։ Եվ դուք ապրում եք ոչ թե ավազի, այլ ջրի վրա... ներեցեք այս անհաջող պատկերի համար։

Գրեհեմն առիթ չունեցավ իր միտքն ապացուցել մինչև, վերջ։ Նրանցից ոչ հեռու, աջ կողմում է հնչեց սմբակների զրնգուն ձայնը, հետո ջրի խլացուցիչ շառաչը, բացականչություններ ու կանացի ծիծաղ։ Սակայն ծիծաղը շատ շուտ ընդհատվեց, լսվեցին տագնապալի ձայներ, այնպիսի փնչոցների ուղեկցությամբ, ասես ինչ-որ մի հրեշ էր խեղդվում։ Դիկը գլուխը թեքեց ու ձիուն ստիպեց անցնել յասամանի թփուտների միջով։ Գրեհեմն իր Ալթադենով հետևեց նրան։ Հեծյալներն հայտնվեցին պայծառ արևով ողողված մարգագետնում, ու Գրեհեմի առջև բացվեց արտակարգ մի տեսաբան։

Մատղաշ ծառատունկերով մարգագետնի կենտրոնն զբաղեցնում էր քառակուսի, մեծ բետոնե ավազանը։ Որպես գրաթափ ծառայող ավազանի մի եզրը լայն էր ու թեք, և այնտեղից նուրբ փայլով հոսում էր շիթը։ Կողապատերը ուղիղ էին։ Մյուս եզրը նույնպես մի փոքր թեք էր և դիմադրության համար մի քիչ տաշտշած։ Եվ այստեղ, մերթ նըստելով, մերթ ուղղվելով, կանգնել էր կաշվե տաբաթ հագած, սարսափահար մի քավբոյ ու, իրեն կորցրած, աղերսալի ու հուսահատ գոչում էր. «Աստվա՛ծ իմ։ Աստվա՛ծ իմ»։

Նրա դիմաց, ավազանի հեռավոր եզրին, ոտները ցած կախած, նստել էին լողազգեստներով երեք վախեցած ջրահարսեր։

Իսկ ավազանի ճիշտ կենտրոնում թաց ու փայլուն աշխետ մի ձի, ձառս եղած, սմբակներով հարվածում էր ջրին, և պայտերի թաց պողպատը փայլատակում էր արևի ճառագայթների տակ։ Իսկ ձիու մեջքին հազիվ իրեն պահող մի կերպարանք էր երևում, որին Գրեհեմը առաջին րոպեին մի պատանի կարծեց։ Ու երբ հանկարծ խորսաուզվող ձին դարձյալ դուրս լողաց իր սմբակների հզոր հարվածների շնորհիվ, Գրեհեմը հասկացավ, որ հեծյալը կին է՝ ճերմակ մետաքսե լողզգգեստով, որն այնպես էր փակչել նրա մարմնին, որ կինը թվում էր մարմարից կերտված։ Մեջքը նույնպես թվում էր մարմարե, և միայն բարակ ու ամուր մկանները մետաքսը ձգելով, գալարվում ու շարժվում էին գլուխը ջրի վրա պահելու լարումից։ Կնոջ բարեկազմ ձեռքերը թաղվել էին ձիու թրջված բաշի մեջ, կլորիկ ու ճերմակ ծնկները սահում էին ատլասե թաց գավակով, իսկ ճերմակ ոտքերի մատներով նա սեղմում էբ կենդանու փափուկ կողերը՝ իզուր ջանալով հենվել դրանց։

Մի ակնթարթում,— ոչ, կես ակնթարթում,— Գրեհհմը հայացքով ընդգրկեց իր առջև բացված այս տեսարանը» հասկացավ, որ հեքիաթային արարածը կին է, և զարմացավ այդպիսի հերոսական ճիգեր գործադրող նրա մարմնի նրբությամբ ու մանրիկությամբ։ Կինը հիշեցնում էր դրեզդենյան հախճապակուց պատրաստած թեթև ու փխրուն մի արձանիկ, որն անհեթեթ մի պատահականությամբ հայտնվել էր խեղդվող հրեշի մեջքին։ Վիթխարի ձիու համեմատությամբ այդ կինը թվում էր նվազ մի արարած, կախարդական հեքիաթից հայտնված փոքրիկ մի հավերժահարս։

Երբ նա, ձիու մեջքից ցած չսահելու համար, այտով հպվեց կենդանու ձգված պարանոցին, թաց, ոսկե֊դարչնագույն մազերը դիզվեցին ու խառնվեցին ձիու սև բաշի հետ։ Բայց Գրեհեմին ավելի շատ ապշեցրեց կնոջ դեմքը, դա փոքրիկ տղայի և միևնույն ժամանակ լուրջ, հուզված, վտանգավոր խաղից այնուամենայնիվ գոհ կնոջ դեմք էր։ Դա սպիտակամորթ կնոջ դեմք էր, խիստ ժամանակակից, բայց և այնպես Գրեհեմին թվաց հեթանոսական։ Այդպիսի կանանց ու նաև այդպիսի իրավիճակներ հազիվ թե հանդիպես քսաներորդ դարում։ Տեսարանն ասես բերված էր Հին Հունաստանի կյանքից և միաժամանակ հիշեցնում էր «Հազար ու մեկ գիշերներ» հեքիաթների պատկերազարդում։ Թվում էր, ուր֊որ է, հուզված ջրի խորքերից դուրս կլողան ջիները, և կամ կապույտ երկնքից, թևավոր վիշապներ հեծած, ցած կիջնեն հեքիաթային արքայազններ, համարձակ հեծյալին փրկելու համար։

Ձին նորից դուրս լողաց և նորից խորասուզվեց, հազիվ չշրջվելով մեջքի վրա։ Հրաշալի կենդանին ու հրաշալի հեծյալը անհետացան ջրի տակ ու մեկ վայրկյան հետո դարձյալ հայտնվեցին. ձին նորից սկսեց ափսեի մեծությամբ իր սմբակներով թմբկահարել օդը, իսկ հեծյալը դեռ նստած էր նրա վրա, ամուր սեղմված կենդանու հարթ, մկանուտ մեջքին։ Գրեհեմի սիրտը խփեց, երբ մի պահ պատկերացրեց, թե ինչ կլիներ, եթե ձին, շրջվեր մեջքի վրա։ Իր հզոր սմբակներից մեկի պատահական մի հարվածով նա կարող էր առհավետ մարել այդ հիանալի ու օդեղեն, կուրացուցիչ ճերմակությամբ կնոջ մեջ փայլատակող կյանքը։

— Տեղափոխվիր պարանոցի՛ն,— գոչեց Դիկը։— Բաշից բռնիր ու նստիր վզին, մինչև որ դուրս լողա։

Կինը լսեց, ոտների մատներով ձիու պարանոցի թրթռացող մկաններին հենվելով, նա ակնթարթային մղումով մարմինը առաջ նետեց, մի ձեռքով կառչեց բաշից, մյուս ձեռքը առաջ պարզեց ձիու ականջների արանքով, բռնեց ճակատի մազափնջից ու նստեց պարանոցին։ Իսկ երբ ձին, ծանրության տեղափոխության հետևանքով ուղղվեց ջրի մեջ ու իջեցրեց սմբակները, կինն իր նախկին դիրքն ընդունեց։ Դեռևս մի ձեռքով բաշից բռնած՝ նա բարձրացրեց մյուս ձեռքն ու, թափահարելով, Ֆորրեսթին սիրալիր ժպիտ ուղարկեց։ Այդ կինը, ինչպես յուրովի նկատեց Գրեհեմը, չնայած սպառնացող վտանգին, սառնարյունությունը այն աստիճան էր պահպանել, որ հասցրեց նկատել նաև հյուրին, որի ձին կանգնած էր Ֆորրեսթի ձիու կողքին։ Բացի այդ, Գրեհեմը զգաց, որ կնոջ գլխի դարձի ու առաջ պարզած ձեռքի մեջ կար ոչ միայն վտանգի նկատմամբ ունեցած արհամարհանք. նկարչուհու հոտառությունը հուշել էր կնոջը, որ այդ կեցվածքն ու շարժումը ամբողջական կտավի անհրաժեշտ մասն են կազմում, իսկ ամենից գլխավորը՝ դրանք այն կենսունակության ու խիզախության արտահայտությունն են, որոնք պարուրել էին նրա ողջ էությունը։

— Շատ քիչ կանայք են ընդունակ այսպիսի խաղերի,— անվրդովությամբ նկատեց Դիկը, հայացքով հետևելով Լեռնցուն, որը, պահպանելով իր հորիզոնական, դիրքը, այժմ հեշտությամբ լողաց դեպի ավազանի առավել ցածր եզրն ու խորդուբորդ մակերևույթով մագլցեց դեպի իր կողմը թեքված քավբոյը։

Քավբոյն աճապարանքով Լեռնցուն հագցրեց սանձը, բայց դեռևս ձիուն հեծած Պաոլան քավբոյի ձեռքից տիրաբար վերցրեց երասանները, Լեռնցուն կտրուկ շրջեց Ֆորրեսթի կողմն ու բարևեց։

— Իսկ հիմա ստիպված հեռանալու եք,— գոչեց Պաոլան։— Կողմնակի դիտողներին տեղ չկա։ Մնում են միայն կանայք։

Դիկը ծիծաղեց, գլուխ տվեց և դարձյալ յասամանների թփուտների միջով, Գրեհեմի հետ դուրս եկավ ճանապարհի վրա։

— Նա... նա ո՞վ էր,— հարցրեց Գրեհեմը։

— Պաոլան, միսիս Ֆորրեսթը, մանչուկ-կինը, բալիկը, և միաժամանակ սքանչելի կինը, վարդագույն ծաղկափոշու ազատաշունչ ամպիկը...

— Քիչ մնաց սիրտս մարեր,— ասաց Գրեհեմը։— Այստեղ հաճա՞խ են լինում նմանօրինակ ներկայացումներ։

— Այս մեկը նա առաջին անգամ է անում,— պատասխանեց Ֆորրեսթը։— Նա հեծել է Լեռնցուն և, ասես սահնակով, իջել է ավազան, բայց այդ սահնակն էլ ախր երկու հազար երկու հարյուր քառասուն ֆունտ քաշ ունի։

— Կարող էր կոտրել և՛ իր, և՛ ձիու վիզը,— նկատեց Գրեհեմը։

— Այո, ձիու վիզը գնահատված է երեսուն հազար դոլլար,— ժպտաց Դիկը։— Անցյալ տարի այդ գումարն ինձ առաջարկեց ձիաբույծների մի միություն այն բանից հետո, երբ Խաղաղ օվկիանոսի ափին Լեռնցին շահեց կրակոտության ու գեղեցկության բոլոր մրցանակները։ Իսկ Պաոլան ամեն օր իր վիզը կոտրելու վտանգի մեջ է լինում, ու եթե դա ամեն անգամ արժենար երեսուն հազար, ապա կսնանկացներ ինձ։ Բայց երբեք որևէ բան չի պատահում։

— Սակայն հիմա վտանգը խիստ մեծ էր. ձին կարող էր շրջվել մեջքի վրա։

— Բայց և այնպես չշրջվեց,— անվրդով առարկեց Դիկը։— Պաոլայի բախտը միշտ բերում է։ Ասես դյութված լինի։ Մի անգամ միասին ընկանք հրետանային գնդակոծության տակ. հետո նա կարգին հիասթափվել էր, որ ոչ մի արկ իրեն չի դիպել, չի սպանել, կամ գոնե չի վիրավորել։ Մեկ մղոն հեռավորությունից չորս մարտկոց կրակ էին բացել մեզ վրա, մենք պետք է մոտ կես մղոն անցնեինք բլրի գագաթով մինչև մոտակա ապաստանը հասնելու համար։ Ես նույնիսկ զայրացա, երբ նա, ասես դիտավարյալ, դանդաղում էր։ Եվ նա խոստովանեց, որ՝ այո, մի փոքր... Տասը֊տասներկու տարի կլինի, ինչ ամուսնացած ենք, բայց, որքան էլ տարօրինակ թվա, ինձ հիմա էլ այնպես է թվում, թե ես նրան բոլորովին չեմ ճանաչում, և ոչ ոք նրան չի ճանաչում, հենց ինքն իրեն էլ չի ճանաչում, այնպես, ինչպես հաճախ նայում ես հայելուն և մտածում, գրողը տանի, այդ ո՞վ է քեզ նայում։ Ես ու Պաոլան մի այսպիսի մոգական բանաձև ունենք. «Երբ իրը դուր է գալիս, գինը մի՛ հարցնի»։ Եվ միևնույն է, թե ինչով պետք է վճարել դոլլարներո՞վ, թե սեփական մաշկով։ Ու այդպես էլ ապրում ենք, դա մեր օրենքն է։ Եվ գիտեք, ճակատագիրը դեռ ոչ մի անգամ մեզ չի խաբել։

Գլուխ X

Ճաշասենյակում հավաքվել էին միայն տղամարդիկ։ Տիկնայք, Ֆորրեսթի ասելով, վճռել էին նախաճաշել առանձին։

— Կարծում եմ, որ դուք նրանցից ոչ մեկին չեք տեսնի մինչև ժամը չորսը,— ասաց Դիկը,— Իսկ չորսին Էրնեստինան, կնոջս քույրերից մեկը, կջանա հաղթել ինձ թենիսի խաղում. գոնե նա այդպես է հայտարարել։

Նախաճաշի ժամանակ, որին ներկա էին միայն տղամարդիկ, Գրեհեմը մասնակցելով անասունների ու անասնապահության մասին խոսակցությանը, շատ նոր բաներ իմացավ, և ինքն էլ նրանց հետ բաժանեց իր փոքրիկ փորձը, սակայն ոչ մի կերպ չկարողացավ հեռու վանել լողացող ձիու թաց մեջքին կպած սքանչելի ճերմակ կերպարանքի տեսիլը։ Եվ հետագա բոլոր ժամերին, երբ նա դիտում էր մրցանակ շահած մերինոսներին ու բերքշիրյան գոճիներին, այդ պատկերը շարունակում էր այրել նրա կոպերը։ Նույնիսկ երբ ժամը չորսին սկսվեց թենիսի խաղը, և Գրեհեմը խաղաց Էրնեստինայի հետ, հաճախ էր փախցնում գնդակը, որովհետև հանկարծ ամեն բան ծածկում էր միևնույն պատկերը. հոյակապ ձիու մեջքին նստած կանացի ճերմակ մի կերպարանք։

Թեև Գրեհեմը ծնունդով կալիֆորնիացի չէր, սակայն շատ լավ գիտակ էր սովորույթներին, քանզի գրեթե տեղացի էր դարձել. այդ իսկ պատճառով, բնավ չզարմացավ, երբ ճաշին կանայք, որոնց նա տեսել էր լողազգեստներով, հայտնվեցին իրիկնային արդուզարդով, իսկ տղամարդիկ՝ ավելի կամ պակաս սովորական տեսքով։ Նա ինքն էլ կանխավ հետևել էր այդ օրինակին և, չնայած Մեծ տան կյանքի շքեղությանն ու ճոխությանը, հագնվել էր պարզ ու հասարակ։

Գոնգի առաջին և երկրորդ հնչյունների միջև բոլոր հյուրերը եկան երկարավուն ճաշասենյակը։ Երկրորդ հնչյունից անմիջապես հետո հայտնվեց Ֆորրեսթն ու քոկթեյլներ պահանջեց։ Գրեհեմն անհամբերությամբ սպասում էր այն կնոջ հայտնվելուն, որի պատկերը նրա աչքերի առաջ էր դեռ առավոտից։ Միաժամանակ նախապատրաստվում էր նաև հնարավոր հիասթափության. նա շատ էր տեսել, թե որքան են կորցնում ատլետներն ու կռփամարտիկները սովորական հագուստ հագնելիս։ Եվ այժմ, երբ մետաքսյա ճերմակ տրիկոյով իրեն հմայած հեքիաթային արարածը հայտնվելու էր ժամանակակից կնոջ մոդայիկ արդուզարդով, նա այդ տեսարանից առանձնահատուկ բան չէր սպասում։

Բայց երբ կինը ներս մտավ, Գրեհեմի շունչը բռնվեց։ Մի պահ Պաոլան կանգ առավ դռան կամարի տակ՝ դիմացից ընկնող մեղմ լույսով ողողված, անջատվելով սև հենքից, և Գրեհեմը, ապշած նրա գեղեցկությամբ, շշմած այդ ջրահարսի, այդ փոքրիկ դիցուհու սքանչելի կնոջ փոխակերպումից, զարմացած բացեց բերանը։ Այժմ նրա առջև ոչ թե ջրահարս էր, ոչ թե բալիկ էր, ոչ թե ձի հեծած մանչուկ, այլ աշխարհիկ մի կին՝ այն ազնվագույն կեցվածքով, որպիսին կարողանում են իրենց տալ հատկապես փոքրամարմին կանայք։

Պաոլան մի փոքր ավելի բարձրահասակ էր, քան թվում էր ջրի մեջ, սակայն իրիկնային արդուզարդով ապշեցնում էր իր բարեկազմությամբ և մարմնի համաչափությամբ։ Գրեհեմը նկատեց նրա բարձր սանրվածքի ոսկե-շագանակագույնը, մաքուր և առաձգական մաշկի առողջ ճերմակությունը, որն ասես ստեղծված էր իբրև հակադրություն կարապի պարանոցի, գեղեցիկ կուրծքը և, վերջապես, մարգարտա֊երկնագույն, միջնադարյան ձևվածքի զգեստը, որը գրկել էր նրա մեջքը, լայն թևքերը ազատ ծալքերով էին կախված, իսկ որպես դրվագ ծառայում էր թանկարժեք քարերով ասեղնագործ ոսկե երիզը։

Պաոլան ժպտաց հյուրերին՝ ի պատասխան նրանց ողջույնի, և Գրեհեմին այդ ժպիտը հիշեցրեց այն, ինչ տեսել էր նրա դեմքին առավոտյան, երբ հեծել էր աշխետին։ Պաոլան մոտեցավ սեղանին, և Գրեհեմը չկարողացավ չհիանալ այն անկրկնելի հեզաճկունությամբ, երբ կնոջ բարեկազմ ծնկները բարձրացրին զգեստի ծանր ծալքերը, այն կլորիկ ծնկները, որոնցով Պաոլան սեղմում էր Լեռնցու մկանուտ կողերը։ Գրեհեմը նկատեց, որ նա սեղմիրան չունի, ասենք, պետք էլ չէր։ Եվ այն պահերին, երբ Պաոլան քայլում էր դեպի սեղանը, Գրեհեմը միաժամանակ տեսնում էր երկու կին. մեկը՝ աշխարհիկ տիկնոջ ու Մեծ տան տիրուհուն, մյուսը՝ հեծյալ կնոջ սքանչելի արձանիկը, որն այժմ թեև թաքնված էր ոսկե ասեղնակարով երկնագույն շրջազգեստի տակ, սակայն որին մոռանալ չէին կարող ստիպել ոչ մի տեսակի հագուստ ու ծածկոց։

Եվ ահավասիկ նա այստեղ էր, տնեցիների ու հյուրերի հետ։ Պաոլայի ձեռքը մի պահ շփվեց Գրեհեմի ձեռքին, երբ Ֆորրեսթը ներկայացրեց իր հյուրին, և կինը «բարի եք եկել» ասաց մի այնպիսի ձայնով, որը կարող էր ծնվել միայն այդ կոկորդի ու թեև ընդհանրապես մանրիկ, բայց փարթամ կրծքի խորքերից։

Սեղանի մոտ նստած՝ Գրեհեմը ակամա ծածուկ նայում էր նրան։ Թեև Գրեհեմը մասնակցում էր սրամիո և ուրախ ընդհանուր խոսակցությանը, բայց նրա հայացքն ու մտքերը զբաղված էին միայն տիրուհով։

Գրեհեմին հազվադեպ էր պատահել սեղան նստել այսքան տարօրինակ ու խայտաբղետ մարդկանց ընկերակցությամբ։ Ոչխարների գնորդն ու «Անասնապահի թերթի» թղթակիցը դեռևս գտնվում էին այստեղ։ Ճաշից քիչ առաջ երեք մեքենայով ժամանեց տղամարդկանց, տիկնանց ու օրիորդաց մի խումբ՝ տասնչորս հոգի։ Նրանք ծրագրել էին մնալ մինչև երեկո, որպեսզի վերադառնային ձիերով՝ լուսնի լույսի տակ։

Նրանց անունները Գրեհեմը չհիշեց, բայց խոսակցությունից կռահեց, որ եկել են երեսուն մղոն հեռավորության վրա գտնվող Ուիքենբեբգ քաղաքից, որը գտնվում էր հովտում. ըստ երևույթին նրանք տեղական դրամատան ծառայողներ էին, բժիշկներ ու մեծահարուստ ֆերմերներ։ Հյուրերը չափազանց ուրախ էին, և կատակների ու նոր անեկդոտների տարափ էին տեղում իրենց մոդայիկ ժարգոնով։

— Ես մի բանում համոզվեցի,— ասաց Գրեհեմը՝ դիմելով Պաոլային,— եթե ձեր տունը միշտ ծառայում է որպես քարվանսարա, ապա կարիք չկա, որ ես հիշեմ բոլոր նրանց անուններն ու դեմքերը, որոնց հետ ծանոթանում եմ։

— Ես ձեզ հասկանում եմ,— ծիծաղելով պատասխանեց Պաոլան։— Բայց նրանք մեր հարևաններն են։ Նրանք կարող են այցելել ուզած ժամանակ։ Այն տիկինը, որ նստած է Դիկի կողքին, միսիս Ուաթսոնը, տեղական հին արիստոկրատիայի ներկայացուցիչն է։ Նրա պապը՝ Ուիքենը, հազար ութ հարյուր քառասունվեց թվականին անցել էր Սիերրայով, և Ուիքենբերգը կոչվել է նրա անունով։ Իսկ անուշիկ, սևաչյա աղջիկը նրա դուստրն է...

Պաոլան տալիս էր հյուրերի համառոտ բնութագիրը, բայց այդ սքանչելի արարածին հասկանալու հաստատակամ ցանկությամբ զբաղված Գրեհեմը չէր լսում ասածների նույնիսկ կեսը։ Սկզբում Գրեհեմը մտածեց, որ կնոջ հիմնական գիծը բնականությունն է. մեկ րոպե անց վճռեց, որ կենսուրախությունն է։ Բայց ոչ առաջին, ոչ էլ երկրորդ բնութագրերը չգոհացրին նրան. ոչ, բանը դրանում չէ։ Եվ հանկարծ կռահեց. հպարտությունը։ Նրա հիմնական բնույթը հպարտությունն է։ Հպարտությունը նրա աչքերում էր, գլխի կեցվածքում, մազերի նուրբ խոպոպներում, նուրբ գծագրված ռունգների թրթիռի մեջ, շարժուն շրթունքներում, կլորիկ ծնոտում, կապտավուն երակներով փոքրիկ, ուժեղ ձեռքերում, որոնցից անմիջապես կարելի էր ճանաչել ժամերով դաշնամուրի մոտ անցկացնող դաշնակահարուհուն։ Այո, հպարտությունը։ Ամեն մի մկանի մեջ, ամեն մի գծում, յուրաքանչյուր շարժման մեջ՝ անվարան, զուսպ, այրող հպարտությունը։

Պաոլան կարող էր լինել ուրախ և անկաշկանդ, նուրբ-կանացի և տղայական կրակոտությամբ, պատրաստ ամեն տեսակի չարաճճիությունների, բայց հպարտությունը միշտ նրա հետ էր. թրթռացող, անջնջելի, անխախտ հպարտությունը, որն ասես ընկած էր նրա էության հիմքում։ Պաոլան դեմոկրատ, պարզ սրտով, անկեղծ ու ազնիվ կին էր, ուղղամիտ և առանց նախապաշարումների, և ոչ մի դեպքում կամազուրկ խաղալիք։ Երբեմն նրա մեջ ասես բռնկում էր պողպատի, թանկարժեք, հրաշալի պողպատի փայլի պես մի բան։ Դա ուժի տպավորություն էր թողնում, սակայն ամենակատարյալ ու զուսպ ձևերով։ Եվ Գրեհեմը Պաոլայի կերպարը կապեց արծաթյա լարի, նուրբ ու թանկարժեք կաշու, աղջկական մազերի մետաքսանման ցանցի, որպիսիք հյուսում են Մարքիզյան կղզիներում, սադափե խեցու կամ էսկիմոսների տեգերին ամրացրած փղոսկրյա սայրերի հետ։

— Շատ լավ, Ահարոն,— ընդհանուր խոսակցության մեջ, սեղանի մյուս ծայրից լսվեց Դիկի ձայնը։— Ահավասիկ, հատկապես ձեզ համար եմ ասում, հապա, մտածեցեք։ Ֆիլիպ Բրուքսն ասում է. «Հիրավի մեծ մարդը միշտ էլ ինչ-որ չափով զգում է, որ իր կյանքը պատկանում է իր ժողովրդին, և աստծո կողմից իրեն շնորհված ամեն բան տրված է ոչ միայն իրեն, այլ իր միջոցով՝ ողջ մարդկությանը»։

— Այդ երբվանի՞ց եք աստծուն հավատում,— բարեհոգի ծաղրով պատասխանեց նա, ում Ֆորրեսթն անվանեց Ահարոն։ Դա բարեկազմ, նեղ դեմքով, փայլող աչքերով թխահեր, ածուխի պես սև, երկար մորուքով մի մարդ էր։

— Թեկուզ սպանեք՝ չգիտեմ,— պատասխանեց դիկը։— Բայց միևնույն է, իմ ասածն ընդունեք այլաբանորեն, ինչպես կամենաք՝ կոչեցեք. բարոյականություն, բարիություն, էվոլյուցիա։

— Մեծ լինելու համար բնավ էլ կարիք չկա մտածել տբամաբանության օրենքներով,— զրույցին միջամտեց մեղմաբարո, երկարադեմ, մաշված թևքերով իռլանդացին,— ընդհակառակը. կյանքի ու տիեզերքի մասին հույժ տրամաբանորեն մտածող մարդկանցից շատերը այնպես էլ մեծ չեն դարձել։

— Բրավո, Թերենս,— թփթփացրեց նրա ուսին Դիկը։

— Բանն այն է, թե մենք ինչպիսի իմաստ ենք դնում այդ հասկացողության մեջ,— դանդաղ խոսեց հյուրերից ևս մեկը, որն անկասկած հնդիկ էր, և որը հացը մանրում էր իր արտակարգ գեղեցիկ ձեոքերով,— մենք ի՞նչ նկատի ունենք «մեծ» բառի տակ։

— «Աստծո» փոխարեն արդյոք չասե՞նք «գեղեցկություն»,— նյարդայնորեն ու ամոթխած հարցրեց դեմքի ողբերգական արտահայտությամբ և խառնիխուռն մազերով պատանին։

Էրնեստինան հանկարծ ոտքի ելավ, ձեռքերով հենվեց սեղանին և, հռետորի կեցվածք ընդունելով, թեքվեց առաջ ու կեղծ տաքարյունությամբ բացականչեց.

— Խնդրեմ, նորից... նորից, արդեն քանի հազարերորդ անգամ, տիեզերքը կքանդեն ու շուռ կտան։ Թեոդոր,— դիմեց նա պատանի բանաստեղծին,— ինչ է, ձեր լեզուն կո՞ւլ եք տվել։ Մասնակցեք վեճին։ Թամբեցեք ձեր Էոնոսին, թերևս մյուսներից շուտ տեղ հասնեք։

Պայթեց ծիծաղը, ու խեղճ, շփոթված բանաստեղծը, իրեն կորցրած, պարփակվեց իր խեցու մեջ։

Էրնեստինան դարձավ սևամորուսին.

— Ոչ, Ահարոն, այսօր նա իր պնակի մեջ չէ։ Դուք սկսեք։ Դուք հո գիտեք, թե ինչ է պետք։ «Ինչպես սրամիտ կերպով նկատել է Բերգսոնը, փիլիսոփայական ձևակերպումների իրեն յուրահատուկ ճշգրտությամբ ու դիպուկությամբ, որոնք ընդհանրացված են ինտելեկտուալ ընդարձակ տեսադաշտով»...

Թնդաց ծիծաղի նոր պայթյունը, որը խլացրեց թե՛ էրնեստինայի ճառի վերջը, և թե սևամորուսի սրամիտ պատասխանը։

— Մեր փիլիսոփաներին այսօր չի հաջողվի գոտեմարտել,— կիսաձայն ասաց Պաոլան Գրեհեմին։

— Փիլիսոփաների՞ն,— զարմացավ նա։— Մի՞թե նրանք ուիքենբերգցիների խմբից չեն։ Ովքե՞ր են ու ի՞նչ են ներկայացնում իրենցից։ Ես ոչինչ չեմ հասկանում։

— Նրանք...— անվճռական սկսեց Պաոլան։— Նրանք ապրում են այստեղ ու իրենց անվանում են «անտառային թռչուններ»։ Մի քանի մղոն այստեղից հեռու, անտառում, իրենց ճամբարն ունեն, որտեղ զբաղված են միայն կարդալով ու վիճելով։ Գրազ կգամ, որ նրանց մոտ մի հիսուն գիրք կգտնեք Դիկի գրադարանից, որոնք դեռևս չեն հասցրել ընկնել գրացուցակի մեջ։ Նրանք տնօրինում են գրադարանը և գիշեր-ցերեկ այստեղ ու այնտեղ են վազվզում գրքերի կապոցներով, ինչպես նաև հանդեսների վերջին համարները ձեռքներին։ Դիկը պնդում է, որ նրանց շնորհիվ հիմա ինքը, ամբողջ խաղաղօվկիանոսյան ափեզրում, ժամանակակից փիլիսոփայական գրականության ամենաամբողջական հավաքածուն ունի։ Նրանք Դիկի համար ասես մարսում են այդ վիթխարի քանակությամբ նյութերը... Այդ բանը նրան շատ է դուր գալիս, բայցի այդ՝ նաև ժամանակի խնայողություն է։ Նա, ախր գիտե՞ք, չափազանց շատ է աշխատում։

— Որքան ես հասկանում եմ, նրանք... այսինքն՝ Դիկը պահո՞ւմ է նրանց,— հարցրեց Գրեհեմը, գաղտնի գոհունակությամբ նայելով ճիշտ նրա երկնագույն աչքերին, որոնք այդքան ուղղամտորեն իրեն էին նայում։

Լսելով Պաոլային՝ նա բրոնզային թեթևակի մի երանգ նկատեց (գուցե դա լույսի խաղ էր) կնոջ երկար, մուգ թարթիչներին։ Հետո ակամա հայացքը տեղափոխեց նրա հոնքերին, որոնք նույնպես մուգ էին և ասես ներկված լինեին։ Պարզվեց, որ նրա հոնքերն էլ բրոնզագույն երանգ ունեն։ Իսկ ոսկե֊շագանակագույն մազերի բարձր սանրվածքի վրա բրոնզը փայլատակում էր արդեն բոլորովին բացահայտորեն։ Ամեն անգամ, երբ անուշիկ ժպիտը աշխուժացնում էր նրա դեմքը, երբ բռնկվում էին աչքերն ու երևում էին ատամները, այդ բոլորը կուրացնում էին Գրեհեմին՝ ծնելով յուրահատուկ մի հուզմունք։ Դա այն զուսպ և հանելուկային ժպիտը չէր, որպիսին նա տեսել էր կանանցից շատերի դեմքին։ Երբ Պաոլան ժպտում էր, ապա ժպտում էր միանգամայն անկաշկանդ, շռայլորեն, բերկրանքով, այդ ժպիտի մեջ ամփոփելով իր էության ողջ հարստությունը և բոլոր այն մտքերը, որոնք ապրում էին նրա սիրունիկ գլխում։

— Այո,— շարունակեց Պաոլան։— Քանի նրանք այստեղ են, մի կտոր հացի համար ոչ մի մտահոգություն չունեն։ Դիկը շատ մեծահոգի է։ Եվ նույնիսկ անբարոյականություն է այդ կարգի մարդկանց պարապ֊սարապությունը խրախուսելը։ Եթե դուք գլուխ չհանեք այս ամենից և մինչև վերջ չհասկանաք մեզ, շատ բան այստեղ ձեզ չափազանց տարօրինակ կթվա։ Իսկ նրանք... նրանք ինչ-որ բանի հավելուկ են կարծես, և իհարկե, կմնան մեզ մոտ այնքան ժամանակ, մինչև կամ մենք նրանց կթաղենք, կամ նրանք՝ մեզ։ Երբեմն նրանցից մեկնումեկը անհետանում է։ Գիտեք, կատուների նման։ Ու հաճախ Դիկը ահագին դրամ ու ջանքեր է վատնում փախստականին վերադարձնելու համար։ Ա՛յ օրինակ, Թերենս Մաք֊Ֆեյնը... Նա անիշխանական֊էպիկուրյան է, եթե գիտեք, թե դա ինչ է նշանակում։ Ճանճ էլ չի սպանի։ Նա մի կատու ունի, ես եմ նվիրել, պարսկական զտարյուն կատու է, երկնագույն. և նա խնամքով որսում է կատվի վրայի լվերը, բայց այնպես, որ աստված մի արասցե, հանկարծ չվնասի այդ միջատներին, որոնց ապակե սրվակի մեջ է հավաքում և հետո բաց թողնում անտառում զբոսնելիս, երբ մարդկանցից հոգնած գնում է բնության հետ շփվելու։

Անցյալ տարի գլխին խփել էր այբուբենի ծագումը։ Եվ ուղևորվեց Եգիպտոս, իհարկե, առանց գրպանում գռոշ ունենալու, որպեսզի այբուբենի սկզբնաղբյուրների քննական ուսումնասիրություն կատարի հենց այբուբենի հայրենիքում և դրանով իսկ գտնի այն բանաձևը, որը բացատրի տիեզերքը։ Ոտքով հասել է մինչև Դենվեր, խառնվել է ԱԻԲ֊ի ցուցարարներին, որոնք պահանջելիս են եղել խոսքի ազատություն կամ դրա պես մի բան, և ընկել է բանտ։ Դիկն ստիպված փաստաբան վարձեց, վճարեց ամեն տեսակի տուգանքներ, մի խոսքով, ահագին ջանքեր թափեց, որպեսզի փրկի նրան ու տուն վերադարձնի։

Իսկ մորուքավորը Ահարոն Հենքոկն է։ Թերենսի պես նա էլ ոչ մի գնով չի անցնի աշխատանքի։ Նա հարավցի է ու ասում է, որ իրենց տոհմում ոչ ոք երբևէ չի աշխատել, իսկ աշխարհում միշտ էլ կգտնվեն գյուղացիներ ու հիմարներ, որոնց ոչ մի կերպ չես կտրի աշխատանքից։ Դրա համար էլ մորուք է պահում։ Սափրվելը, նրա կարծիքով, բոլորովին ավելորդ զբաղմունք է, հետևաբար նաև՝ անբարոյականություն։ Հիշում եմ, թե նա ինչպես հարձակվեց իմ ու Դիկի վրա Մելբուռնում... իսկական վայրագ, բրոնզե մի մարդ ավստրալիական թավուտներից հայտնված։ Նա իբր ինչ-որ ինքնուրույն հետազոտություններ էր կատարում այնտեղ ոչ այն է մարդաբանության, ոչ այն է՝ բանահյուսության գծով։ Դիկը Ահարոնի հետ ծանոթացել էր դեռևս Փարիզում և նրան համոզեց, որ եթե վերադառնա Ամերիկա, սնունդն ու օթևանը նրա համար ապահովված կլինեն։ Եվ ահավասիկ, նա այստեղ է։

— Իսկ բանաստե՞ղծը,— հարցրեց Գրեհեմը՝ ուրախանալով Պաոլայի հետ խոսակցությունը շարունակելու և նրա դեմքին խաղացող ժպիտին հետևելու հնարավորությունից։

— Ա֊ա ... Թեոն, Թեոդոր Մելքենը, թեև մենք բոլորս նրան անվանում ենք Լեո։ Նա ևս ժխտում է աշխատանքը։ Նա կալիֆորնիական հինավուրց ընտանիքի զավակ է, ծնողները զարհուրելի հարուստ են։ Բայց հրաժարվել են նրանից, և Լեոն էլ ծնողներից, դեռևս տասնհինգ տարեկան հասակում։ Ծնողները նրան խենթ են համարում, իսկ նա պնդում է, որ ծնողները կարող են խենթացնել ում ուզենան։ Նա իսկապես հրաշալի բանաստեղծություններ է գրում, երբ ընդհանրապես գրում է։ Բայց գերադասում է երազել և Թերենսի ու Ահարոնի հետ ապրել անտառում։ Սան֊Ֆրանցիսկոյում նա դասավանդում էր եկվոր հրեաներին, հենց այնտեղից էլ Թերենսն ու Ահարոնը դուրս քաշեցին նրան, կամ գերի վերցրին, չգիտեմ, թե որն է ավելի ճիշտ։ Երկու տարի է, ինչ ապրում է մեզ մոտ և, որքան էլ տարօրինակ լինի, այդ ժամանակամիջոցում կարգին կազդուրվել է։ Դիկն առատաձեռն է անհեթեթության աստիճան և նրանց բավականին պաշար է ուղարկում. սակայն նրանք գերադասում են զրուցել, կարդալ կամ անրջել՝ եփութափի փոխարեն։ Նրանք կարգին ճաշում են այն դեպքում միայն, երբ, այսօրվա պես, վրա են տալիս։

— Իսկ հնդի՞կը ով է։

— Դար֊Հիալը, նրանց հյուրը։ Նրանք հրավիրել են հնդիկին, ճիշտ այնպես, ինչպես սկզբում Ահարոնը հրավիրեց Թերենսին, իսկ հետո երկուսով հրավիրեցին Լեոյին։ Դիկն այն հույսն ունի, որ ժամանակի ընթացքում կգտնվեն ևս երեք հոգի, ու այդ դեպքում նա կունենա «Մադրոնյան պուրակի» իր սեփական «յոթ իմաստուններին»։ Բանն այն է, որ նրանց ճամբարը գտնվում է ազնվամորու պուրակում... Դա շատ գեղեցիկ վայր է. աղբյուրներ էլ շատ կան... Հա, ես ախր ձեզ պատմում էի հնդիկի մասին։ Իր տեսակի մեջ նա հեղափոխական է։ Սովորել է և՛ մեր համալսարաններում, և՛ Շվեյցարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում։ Հնդկաստանում եղել է քաղաքական գործիչ և փախել է այնտեղից, իսկ հիմա երկու խենթություն ունի. առաջինը՝ նոր սինթետիկ փիլիսոփայությունը, երկրորդը՝ հնդկաստանի ազատագրումը անգլիացիների տիրապետությունից։ Նա քարոզում է անհատական տեռոր և զանգվածների ապստամբություն։ Հենց այդ պատճառով էլ այստեղ, Կալիֆորնիայում, արգելեցին նրա, չգիտեմ՝ «Կադար», թե՞ «Բադար» թերթը, և քիչ էր մնում արտաքսեին նահանգից։ Ահա թե ինչու է նա այժմ իրեն ամբողջությամբ նվիրել փիլիսոփայությանը և ձևակերպումներ է որոնում իր համակարգի համար։

Նա և Ահարոնը միշտ կատաղորեն վիճում են, ի դեպ, միայն փիլիսոփայական թեմաներով։ Դե,— Պաոլան հոգոց հանեց ու անմիջապես Ժպտաց իր սքանչելի Ժպիտով,— այժմ ես ձեզ, կարծես, ամեն բան պատմեցի, և դուք բոլորին ճանաչեցիք։ Հա, եթե հանկարծ ավելի մոտիկից ճանաչեք մեր «իմաստուններին», հատկապես, եթե նրանց հանդիպեք զուտ տղամարդկանց շրջանակում, նկատի ունեցեք, որ Դար֊Հիալը բացարձակապես ոչինչ չի խմում։ Թեոդոր Մելքենը բանաստեղծական մոլուցքի մեջ երբեմն խմում է, ընդ որում հարբում է մի քոկթեյլից։ Ահարոն Հենքոկը սպիրտային խմիչքների լավ գիտակ է, իսկ Թերենս Մաք֊Ֆեյնը, ընդհակառակը, գինիներից ոչինչ չի հասկանում, բայց այն դեպքում, երբ հարյուր տղամարդուց իննսունինը գլորվեն սեղանի տակ, նա նույնպիսի պարզությամբ ու հետևողականությամբ կշարադրի իր էպիկուրյան անիշխանականությունը։

Ճաշի ընթացքում Գրեհեմը նկատեց, որ «իմաստունները» տանտիրոջը կոչում են անունով, իսկ Պաոլային անպայման «միսիս Ֆորրեսթ», թեև վերջինս էլ նրանց էր անունով դիմում։ Եվ դա թվում էր միանգամայն բնական։ Աշխարհում շատ քիչ բանի նկատմամբ ակնածանք ունեցող այդ մարդիկ, որոնք չէին հարգում նույնիսկ աշխատանքը, Ֆորրեսթի կնոջ մեջ անգիտակցաբար զգում էին ինչ-որ առավելություն, և նրան անունով կոչելը «իմաստունների» համար անհնար բան էր։ Գրեհեմը շուտով համոզվեց, որ Պաոլան իսկապես կեցվածքի յուրահատուկ մաներա ունի և այդ կնոջ մոտ ամենաանմիջական դեմոկրատիզմը միաձուլվում է արքայադստեր ոչ պակաս բնական անհասանելիության հետ։

Նույն բանը նա նկատեց նաև ճաշից հետո, երբ հասարակությունը հավաքվեց հյուրասենյակին փոխարինող մեծ սենյակում։ Պաոլան իրեն թույլ էր տալիս համարձակ արարմունքներ, և ոչ ոք չէր զարմանում, ասես հենց այդպես էլ պետք է լիներ։ Մինչ հասարակությունը տեղավորվում էր, Պաոլային հաջողվեց բոլորին աշխուժացնել ու գերազանցել իր կենսուրախությամբ։ Մերթ այստեղ, մերթ այնտեղ զրնգում էր նրա ծիծաղը։ Եվ այդ ծիծաղը հմայում էր Գրեհեմին։ Պաոլայի ծիծաղում կար յուրահատուկ թրթռացող մի երգեցիկություն, և այն տարբերվում էր ուրիշ կանանց ծիծաղից, Գրեհեմը երբեք այդպիսի ծիծաղ չէր լսել։ Այդ ծիծաղի պատճառով նա հանկարծ կորցրեց երիտասարդ միստր Ուոմբոլդի հետ ունեցած զրույցի թելը, միստր Ուոմբոլդը պնդում էր, որ Կալիֆորնիան կարիք ունի ոչ թե ճապոնացիների արտաքսման, այլ ծայրահեղ դեպքում երկու հարյուր հազար ճապոնացի կուլիների ներմուծման օրենքի և գյուղատնտեսության բնագավառի բանվորների ութժամյա աշխատանքային օրվա վերացման։ Երիտասարդ Ուոմբոլդը, որքանով կարողացավ կռահել Գրեհեմը, Ուիքենբերգյան օկրուգում խոշոր, տոհմիկ հողատեր էր և պարծենում էր այն բանով, որ ինքը չի ենթարկվում ժամանակի ոգուն ու սոսկ կոչումով կալվածատեր չի դառնում։ Դաշնամուրի մոտ, Էդդի Մեզոնի շուրջը խռնվել էր երիտասարդությունը. լսվում էին սինկոպային երաժշտության և նորաոճ երգի պատառիկներ։ Թերենս Մաք֊Ֆեյնը և Ահարոն Հենքոկը կատաղի մի վեճ սկսեցին ֆուտուրիստական երաժշտության մասին։ Ճապոնական հարցից Գրեհեմին փրկեց Դար-Հիալը՝ հայտարարելով. «Ասիան ասիացիների համար, իսկ Կալիֆորնիան՝ կալիֆորնիացիների»։

Հանկարծ Պաոլան, չարաճճիորեն փեշը վեր քաշելով, վազեց սենյակով մեկ, փախչելով Դիկից, բայց նրա ձեռքն ընկավ այն պահին, երբ ցանկանում էր թաքնվել հյուրերի խմբի մեջ, որոնք հավաքվել էին Ուոմբոլդի շուրջը։

— Չար աղջիկ,— կեղծ զայրույթով հանդիմանեց նրան Դիկը. իսկ հաջորդ պահին արդեն Պաոլայի հետ հնդիկին համոզում էր, որ տանգո պարի։

Եվ Դար֊Հիալը, վերջապես համաձայնեց, մոռանալով Ասիան ու ասիացիներին, և ձեռքերի ու ոտքերի անբնական շարժումներով տանգոյի պարոդիա կատարեց, իր պարն անվանելով «ժամանակակից պարերի լպիրշ ապոթեոզ»։

— Իսկ հիմա, Ալ֊Ամպ, միստր Գրեհեմի համար երգիր կաղինի մասին քո երգը,— հրամայեց Պաոլան։

Պաոլայի մեջքը դեռևս գրկած Ֆորրեսթը, որպեսզի կանխի իրեն սպառնացող պատիժը, մռայլադեմ օրորեց գլուխը։

— Կաղինի մասին երգը,— գոչեց դաշնամուրի մոտ կանգնած Էրնեստինան. և նրա այդ պահանջը կրկնեցին Էդդի Մեզոնն ու մյուս աղջիկները։

— Խնդրում եմ, Դիկ, երգիր,— պնդեց Պաոլան,— միստր Գրեհեմը դեռ չի լսել այգ երգը։

Դիկը դարձյալ օրորեց գլուխը։

— Այդ դեպքում նրա համար երգիր ոսկե ձկնիկի երգը։

— Ես կերգեմ մեր Լեռնցու երգը,— համառությամբ հայտարարեց Դիկը, և նրա աչքերը խորամանկորեն փայլեցին, նա թփթփացրեց ոտքերը, ձևացրեց, թե ծառս է լինում, շատ հաջող ընդօրինակելով հովատակին՝ խրխնջաց, թափահարեց երևակայական բաշն ու սկսեց.— «Ունկնդրեցեք ինձ։ Ես կրոսն եմ։ Ես ոտնատակ եմ տալիս բլուրները»...

— Ո՛չ։ Կաղինի երգը,— անմիջապես ընդհատեց Պաոլան անվրդով երանգով, ընդ որում նրա ձայնի մեջ փոքր֊ինչ զգացվեց պողպատային զնգոց։

Դիկը հնազանդորեն ընդհատեց Լեռնցու երգը, բայց և այնպես, համառ երեխայի նման թափահարեց գլուխը։

— Դե լավ, ես մի նոր երգ գիտեմ,— հանդիսավորությամբ հայտարարեց նա։— Այդ երգը իմ ու քո մասին է, Պաոլա։ Դա ինձ սովորեցրել են նիշինամները։

— Հիշինամները Կալիֆորնիայի նախնադարյան ցեղերն են,— դառնալով Գրեհեմին՝ աճապարանքով բացատրեց Պաոլան։

Դիկը, առանց ծնկները ծալելու, ինչպես պարում են հնդկացիները, մի քանի պար կատարեց, ափերը խփեց ազդրերին և, առանց գրկից բաց թողնելու կնոջը, սկսեց իր նոր երգը։

— «Ես՝ Այ֊Քուտն եմ, նիշինամների ցեղի առաջին մարտիկը։ Այ֊Քուտն եմ, իսկ կարճ ասած՝ Ադամը։ Իմ հայրը եղել է կոյոտը, իսկ մայրս՝ լուսինը։ Իսկ սա Յո֊տո֊տո֊վին է, իմ կինը, նիշինամների ցեղի առաջին կինը։ Նրա հայրը եղել է ծղրիդը, իսկ մայրը՝ մեքսիկական վայրի կատուն։ Իմ ծնողներից հետո նրանք ամենալավագույն ծնողներն են։ Կոյոտը շատ իմաստուն է, իսկ լուսինը շատ ծեր, բայց ոչ ոք ոչ մի լավ բան չի լսել ծղրիդի ու վայրի կատվի մասին։ Նիշինամները միշտ իրավացի են։ Պետք է, որ բոլոր կանանց մայրը վայրի կատու եղած լինի. փոքրիկ, իմաստուն, տխուր ու խորամանկ կատուն՝ շերտավոր պոչով»։

Սրա վրա առաջին տղամարդու և կնոջ մասին երգն ընդհատվեց, քանի որ կանայք վրդովվեցին, իսկ տղամարդիկ արտահայտեցին իրենց հավանությունը։

— «Յո-տո-տո-վին, կարճ ասած՝ Եվան է,— նորից երգեց Դիկը, Պաոլային վայրենու պես կոպտորեն սեղմելով իրեն։— Իմ Յո֊տո֊տո֊վին փոքրիկ է։ Բայց դրա համար մի՛ հանդիմանեք նրան։ Մեղավոր են ծղրիդն ու վայրի կատուն։ Ես՝ Այ֊Քուտն եմ, առաջին մարդը, մի՛ հանդիմանեք ինձ՝ իմ վատ ճաշակի համար։ Ես առաջին տղամարդն էի ու տեսա նրան՝ առաջին կնոջը։ Երբ ընտրության հնարավորություն չկա, վերցնում են միայն եղածը։ Այդպես պատահեց Ադամի հետ։ Նա ընտրեց Եվային։ Յո-տո-տո-վին ինձ համար աշխարհում եզակի կինն էր, և ես ընտրեցի Յո-տո֊տո-վիին»։

Այդ երգին ունկնդրող և Պաոլային տիրաբար գրկած Ֆորրեսթի ձեռքից հայացքը չհեռացնող Իվեն Գրեհեմը ինչ-որ ցավ ու վիրավորանք զգաց։ «Դիկ Ֆորրեսթի բախտը բերում է, չափից դուրս է բերում», անցավ նրա գլխով նույնիսկ այս միտքը, որը և նա անմիջապես զայրույթով խեղդեց։

— «Ես՝ Այ֊Քուտն եմ,— երգեց Դիկը։— Սա իմ կինն է, իմ ցողը, իմ մեղրացողը։ Ես խաբեցի ձեզ։ Նրա հայրն ու մայրը ծղրիդն ու կատուն չեն։ Նրա ծնողները եղել են Սիերրայի արշալույսն ու սարերի ամառային ու արևելյան քամին։ Նրանք սիրում էին իրար ու ըմպում էին երկրի և օդի ողջ քաղցրությունը, մինչև որ խավարի մեջ, ուր նրանք սիրում էին, մշտադալար թփերի ու մանսանիթի տերևներին ընկան մեղրացողի կաթիլները։

Յո֊տո֊տո֊վին իմ մեղրացողն է։ Ունկնդրեցեք ինձ։ Ես՝ Այ֊Քուտն եմ։ Յո֊տո֊տո֊վին՝ իմ կաքավը, իմ եղնիկը, որ արբած է ջերմ անձրևով ու պտղաբեր հողի հյութերով։ Նա ծնվել է աստղերի նուրբ լույսից և արշալույսի առաջին ճառագայթներից»։

Ահավասիկ,— ավելացրեց Ֆորրեսթը, ավարտելով իր իմպրովիզացիան ու անցնելով իր նախկին տոնին,— եթե դուք դեռ կկարծեք, թե ծերուկ, սիրելի, կապտաչվի Սողոմոնը ինձնից ավելի լավ է հորինել «Երգ երգոցը», անմիջապես բաժանորդագրվեցեք իմ հրատարակությանը։

Գլուխ XI

Միսիս Մեզոնը առաջիններից մեկն էր, որ Պաոլային խնդրեց նվագել։ Եվ Թերենս Մաք֊Ֆեյնն ու Ահարոն Հենքոկն էլ ուրախ խմբին քշեցին դաշնամուրի մոտից, իսկ շփոթված Թեոդոր Մելքենին ուղարկեցին Պաոլային հրավիրելու։

— Ալյ հեթանոսին լուսավորելու համար խնդրում եմ նվագեք «Մտորումներ ջրի վրա»,— լսեց Թերենսի ձայնը Գրեհեմը։

— Իսկ հետո, խնդրում եմ, «Վուշե հյուսերով աղջիկը»,― խնդրեց Հենքոկը, որին հեթանոս էին անվանել,— հիմա իմ տեսակետը փայլուն կերպով կհաստատվի։ Այդ վայրենի կելտը քարոզում է քարանձավային մարդու երաժշտության հիմար տեսությունը և այնքան բութ է, որ դեռ իրեն էլ համարում է հույժ ժամանակակից։

— Ա֊ա՜, Դեբյուսի,— ծիծաղեց Պաոլան։— Դեռ շարունակում եք վիճե՞լ նրա մասին։ Այո՞։ Շատ լավ, ես դրան էլ կհասնեմ, միայն թե չգիտեմ ինչից սկսել։

Դար֊Հիալը մոտեցավ երեք իմաստուններին, որոնք Պաոլային նստեցնում էին համերգային մեծ դաշնամուրի առաջ, որը, սակայն, շատ մեծ չէր թվում այս վիթխարի սենյակում։ Բայց հենց որ Պաոլան նստեց, երեք իմաստուններն էլ հեռու քաշվեցին և գրավեցին, ըստ երևույթին, իրենց սիրելի տեղերը։ Երիտասարդ բանաստեղծը փռվեց արջի փափուկ մորթու վրա, դաշնամուրից մոտ քառասուն քայլ հեռու, և ափերը խրեց մազերի մեջ։ Թերենսն ու Ահարոնը հարմարավետ տեղավորվեցին լուսամուտի մոտ գտնվող լայն գահավորակի բարձերի վրա, ի դեպ, այնպես, որպեսզի հնարավորություն ունենան արմունկով իրար հրել այն դեպքում, երբ մեկնումեկը Պաոլայի կատարման մեջ գտներ այնպիսի երանգներ, որոնք հաստատեին հատկապես իր տեսակետը։

Աղջիկները երկու֊երեք հոգիանոց գեղատեսիլ խմբերով տեղավորվեցին լայն գահավորակներին և կոա փայտից պատրաստված խոր բազմոցներում, իսկ ոմանք էլ նույնիսկ բազկակալներին։

Իվեն Գրեհեմը ուզում էր մոտենալ դաշնամուրին, Պաոլայի նոտաները թերթելու պատիվն ունենալու համար, բայց ժամանակին նկատեց, որ Դար-Հիալը կանխում է իրեն։ Անշտապ ու հետաքրքրասիրությամբ նա հայացքը պտտեց սենյակով մեկ։ Համերգային դաշնամուրը դրված էր սենյակի հեռավոր ծայրում, հարթակին, որի վրա կախված կամարը բեմի տպավորություն էր հաղորդում։ Կատակներն ու ծիծաղը անմիջապես ընդհատվեցին, ըստ երևույթին Մեծ տան փոքրիկ տիրուհին պահանջում էր, որ իրեն վերաբերվեն որպես իսկական, լուրջ դաշնակահարուհու։ Գրեհեմը նախապես վճռեց, որ առանձնահատուկ ոչինչ չի լսելու։

Կողքին նստած Էրնեստինան թեքվեց ու շշնջաց.

— Երբ կամենա՝ կարող է ամեն բանի հասնել։ Բայց ախր գրեթե չի աշխատում․․․ Գիտեք, նա սովորել է Լեշետիցկու և մադամ Կարենիոյի մոտ, և մինչև հիմա զգացվում է նրանց կատարողական ոճը։ Ու նվագում է բնավ էլ ոչ կանացի։ Ահա, լսեք։

Գրեհեմը շարունակում էր թերահավատորեն վերաբերվել նրա կատարմանը, նույնիսկ երբ Պաոլայի ձեռքերը վստահորեն սահեցին ստեղների վրայով ու հնչեցին պասսաժներն ու ակկորդները, որոնց մաքրության նկատմամբ ոչ մի առարկություն ունենալ չէր կարող, նա հաճախ էր լսել փայլուն տեխնիկա ունեցող, բայց երաժշտական արտահայտչականությունից միանգամ այն զուրկ դաշնակահարների։ Նա պատրաստ էր ունկնդրել ամեն ինչ, սակայն ոչ Ռախմանինովի առնական նախերգանքը, որը, Գրեհեմի կարծիքով, կարող էր լավ կատարել միայն տղամարդը։

Հենց առաջին երկու տակտից Պաոլան վստահորեն, տղամարդավարի տիրապետեց դաշնամուրը, նա ասես երկու ձեռքով բարձրացրեց ստեղնաշարն ու երգող լարերը՝ իր կատարման մեջ դնելով հասուն ուժ և վճռականություն։ Իսկ հետո, ինչպես այդ անում են միայն տղամարդիկ, սահեց, կամ նետվեց,— Գրեհեմը այդ անցման համար չկարողացավ գտնել առավել ճշգրիտ բնորոշում,— դեպի մաքուր և վստահ, անասելի նուրբ անդանտեն։

Պաոլան շարունակում էր նվագել անվրդովությամբ և ուժով, որպիսիք ամենից քիչ կարելի էր սպասել այդքան փոքրիկ, փխրուն կնոջից․ և Գրեհեմը կիսափակ կոպերի միջով զարմացած նայում էր Պաոլային ու վիթխարի դաշնամուրին, որին կինը տիրապետում էր ճիշտ այնպես, ինչպես և իրեն ու կոմպոզիտորի մտահղացմանը։ Ունկնդրելով նախերգանքի մարող ակկորդներին, որոնց մեջ հեռավոր արձագանքի պես դեռ ապրում էր հենց նոր թնդացող հզորությունը, Գրեհեմը ստիպված էր խոստովանելու, որ Պաոլայի հարվածը ճշգրիտ է, մաքուր և ամուր։

Մինչ Թերենսն ու Ահարոնը շշուկով հուզված վիճում էին լուսամուտագոգին, իսկ Դար֊Հիալը որոնում էր նոտաները, Պաոլան նայեց Դիկին, և սա մեկը մյուսի հետևից սկսեց մարել առաստաղի փայլատ գնդերը, այնպես որ, ի վերջո, միայն Պաոլան մնաց ասես մեղմ լույսի օազիսի մեջ, որտեղ հատկապես նկատելիորեն փայլփլում էին նրա վարսերի ոսկին և զգեստի ոսկե զարդանկարը։

Գրեհեմը հետևում էր, թե ինչպես է բարձր սենյակը խոշորացող ստվերներից ասես էլ ավելի բարձրանում։ Սենյակի երկարությունը ութսուն ֆուտ էր, իսկ բարձրությունը երկուսուկես հարկ։ Առաստաղի տակ կառուցված էր վերնասրահ, որից կախված էին վայրի կենդանիների մորթիներ, Օքասաքիից և Էկվադորից բերած ձեռագործ ծածկոցներ, Օվկիանիայի փսիաթներ, որոնք գործել էին կանայք ու ներկել բուսական ներկով։ Եվ Գրեհեմը հասկացավ, թե ինչ է հիշեցնում այս սենյակը. միջնադարյան դղյակի տոնական դահլիճ։ Եվ հանկարծ ափսոսաց, որ այստեղ չկան անագե սպասքով ու արծաթե աղամանով երկարավուն մի սեղան և հատակին նետված ոսկորների համար իրար հետ գզվռտող վիթխարի շներ։

Հետո, երբ Պաոլան Դեբյուսի նվագեց՝ Թերենսին ու Ահարոնին նոր վեճերի նյութ տալու համար, Գրեհեմին հաջողվեց մի քանի հուզումնալի րոպեների ընթացքում նրա հետ խոսել երաժշտության մասին։ Եվ Պաոլան դրսևորեց երաժշտության փիլիսոփայության այնպիսի իմացականություն, որ Գրեհեմը, ինքն էլ չնկատելով թե ինչպես, սկսեց շարադրել իր սիրելի տեսությունը։

— Այսպիսով,— ավարտեց նա,— գրեթե երեք հազար տարի էր անհրաժեշտ, որպեսզի երաժշտությունը իր սեփական ազդեցությունն ունենա արևմուտքի մարդու հոգու վրա։ Ավելի, քան իր նախորդները, Դեբյուսին հասավ այն բարձրագույն, քննախույզ պարզության, որը ծնում է մեծ գաղափարներ, որպիսիք, ասենք, կանխավ զգացվում էին դեռևս Պյութագորյան շրջանում...

Այստեղ Պաոլան ընդհատեց նրան՝ մոտ կանչելով պատուհանի մոտ վիճաբանող Թերենսին ու Ահարոնին։

— Ի՞նչ արած,— շարունակեց Թերենսը, երբ մոտեցան։— Փորձեցեք, Ահարոն, փորձեցեք Բերգսոնի մոտ երաժշտության մասին ավելի պարզ դատողություններ գտնել, քան նրա «Ծիծաղի փիլիսոփայությունում», որը ևս, ինչպես հայտնի է, աչքի չի ընկնում իր պարզությամբ։

— Օ՛հ, լսեցեք,— բացականչեց Պաոլան, և նրա աչքերը փայլեցին։— Մեզ մոտ հայտնվել է մի նոր մարգարե՝ միստր Գրեհեմը։ Նա արժե ձեր սուսերին, ձեր երկուսի սուսերներին։ Նա համաձայն է ձեզ հետ, որ երաժշտությունը հանգիստ է երկաթից, արյունից և առօրյական պրոզայից, որ թույլ, զգայուն և վսեմ հոգիները փախչում են երկրային ծանր ու բիրտ կյանքից դեպի ռիթմերի և հնչյունների գերզգայուն աշխարհ․․․

— Ատավիզմ է,— փնչացրեց Ահարոն Հենքոկը։— Քարանձավային մարդիկ, կիսակապիկները և Թերենսի մյուս բոլոր նողկալի նախնիները նույն բանն էին անում։

— Թույլ տվեք,— ընդհատեց նրան Պաոլան։— Բայց այդ եզրահանգումները միստր Գրեհեմը կատարել է սեփական ապրումների և դատողությունների արդյունքում։ Եվ, բացի այդ, արմատապես տարբերվում է ձեր տեսակետից, Ահարոն։ Նա հենվում է Պաթերի դրույթի վրա. «Բոլոր արվեստները ձգտում են դեպի երաժշտությունը»․․․

— Այդ ամենը վերաբերում է նախապատմությանը, միկրոօրգանիզմի քիմիային,— դարձյալ միջամտեց Ահարոնը։— Բոլոր ժողովրդական երգերն ու սինկոպային ռիթմերը բջջի ամենասովորական վերաբերմունքն են արևի ճառագայթի լուսային ալիքների նկատմամբ։ Թերենսն ընկնում է կախարդական շրջանի մեջ ու ինքն իր ձեռքով բացասում է իր դատողությունները։ Իսկ հիմա լսեցեք, թե ես ինչ կասեմ․․․

— Սպասեցեք, սպասեցեք,— ասաց Պաոլան։— Միստր Գրեհեմն ասում է, որ անգլիական պուրիտանիզմը կաշկանդել է երաժշտությունը, իսկական երաժշտությունը՝ մի քանի հարյուրամյակով․․․

— Ճիշտ է,— համաձայնեց Թերենսը։

— Եվ որ Անգլիան երաժշտությամբ էսթետիկական հաճույք ստանալուն վերադարձել է միայն Միլթոնի և Շելլիի ռիթմերի շնորհիվ...

— Շելլին մետաֆիզիկ էր,— Պաոլային ընդհատեց Ահարոնը։

— Լիրիկական մետաֆիզիկ,— անմիջապես ճշտեց Թերենսը։— Գոնե այդ հարցում պետք է համաձայնեք, Ահարոն։

— Իսկ Սուինբե՞րնը,— հարցրեց Ահարոնը, ամենայն հավանականությամբ, վերադառնալով իրենց վաղեմի վեճերից մեկի ևս մի թեմայի։

— Ահարոնը պնդում է, որ Օֆենբախը Արթուր Սյուլլիվենի նախորդն է,— գրգռիչ տոնով բացականչեց Պաոլան,— և Օբերն էլ Օֆենբախի նախորդը։ Իսկ ինչ վերաբերում է Վագներին... Ոչ, հապա, հարցրեք նրան, հարցրեք, թե ինչ է մտածում Վագների մասին...

Պաոլան մի կողմ քաշվեց՝ Գրեհեմին թողնելով իր ճակատագրի հետ։ Իսկ նա հայացքը չէր կտրում Պաոլայից, հիանալով նրա բարեկազմ, զգեստի ծանր դարսերը բարձրացնող ծնկների սահուն շարժումներով, երբ Պաոլան սենյակի երկայնքով գնաց դեպի միսիս Մեզոնը, որպեսզի նրա հետ մի պարտիա բրիջ խաղա։ Գրեհեմը հազիվ էր կարողանում իրեն ստիպել լսելու այն, ինչ նորից բլբլացնում էր Թերենսը․

— Հաստատված է, որ Հունաստանի ողջ արվեստը ծնվել է երաժշտության ոգուց...

Բավականին ուշ, երբ երկու իմաստունները ինքնամոռացությամբ մտան տաք վիճաբանության մեջ այն մասին, թե ով է իր ստեղծագործություններում արտահայտել առավել վսեմ ինտելեկտ՝ Բեռլիո՞զը, թե Բեթհովենը, Գրեհեմին հաջողվեց կծիկը դնել։ Նա դարձյալ կամենում էր զրուցել տանտիրուհու հետ, բայց Պաոլան նստել էր մեծ բազմոցին տեղավորված երկու աղջիկների մոտ ու չարաճճիորեն փսփսում էր նրանց հետ. հյուրերի մեծ մասը խորասուզված էր բրիջի մեջ, և Գրեհեմը հայտնվեց այն խմբի մոտ, որը բաղկացած էր Դիկ Ֆորրեսթից, միստր Ուոմբոլդից, Դար֊Հիալից և «Անասնապահի թերթի» թղթակցից։

― Ափսոս, որ դուք չեք կարող ինձ հետ գալ,— ասում էր Դիկը թղթակցին։— Մեկ օր միայն կուշանայիք։ Հենց վաղն էլ ձեզ կտանեի։

— Շատ եմ ցավում,— պատասխանեց թդթակիցը։― Բայց ես պետք է լինեմ Սանտա֊Ռոսայում։ Բարբանքը խոստաgել է ամբողջ առավոտն ինձ նվիրել, իսկ դուք հասկանում եք, թե դա ինչ է նշանակում։ Մյուս կողմից, մեր թերթի համար շատ կարևոր բան կլիներ նյութեր ստանալ ձեր փորձի մասին։ Դուք չէի՞ք կարող շարադրել․․․ կարճ․․․ շատ կարճ։ Կարծում եմ, որ միստր Գրեհեմին էլ դա կհետաքրքրի։

— Դարձյալ ոռոգման մասի՞ն է խոսքը,— հարցրեց՝ Գրեհեմը։

— Ոչ, անհուսալիորեն աղքատ ֆերմերներին հարստացնելու մի անհեթեթ փորձի մասին ենք խոսում,― Ֆորրեսթի փոխարեն պատասխանեց Ուոմբոլդը։— Իսկ ես պնդում եմ, որ եթե ֆերմերը քիչ հող ունի, ապա դա ապացուցում է, թե նա վատ ֆերմեր է։

— Ընդհակառակը,— առարկեց Դար֊Հիալը, առավել համոզիչ տպավորություն թողնելու համար թափահարելով իր գեղեցիկ, ասիական ձեռքերը։— Ճիշտ հակառակը։ Ժամանակները փոխվել են։ Հաջողությունն այլևս դրամագլխից չի կախված։ Դիկի փորձը սքանչելի, հերոսական մի փորձ է։ Եվ դուք կտեսնեք, որ այն հաջողությամբ կպսակվի։

— Բանն ինչո՞ւմն է, Դիկ։— հարցրեց Գրեհեմը։— Պատմեցեք։

— Առանձին բան չկա։ Հենց այնպես, մտածել եմ,— անփութորեն պատասխանեց Դիկը,— թերևս, դրանից ոչինչ չստացվի, թեև ես, այնուամենայնիվ, հույս ունեմ։

— Հենց այնպես,— բացականչեց Ուոմբոլդը։— Ամենապտղատու հովտում հինգ հազար ակր լավագույն հող։ Եվ նա կամենում է այնտեղ նստեցնել ձախորդների մի խումբ՝ խնդրեմ, տիրություն արեք, դեռ վրան էլ պետք է վճարի ու կերակրի։

— Միայն այն հացով, որը կաճի այդ նույն հողամասում,— ուղղեց նրան Ֆորրեսթը։— Ստիպված եմ ձեզ բացատրել, թե ինչումն է բանը։ Ես հինգ հազար ակր եմ առանձնացրել, որն ընկած է կալվածքի և Սաքրամենթո գետի հովտի միջև...

— Պատկերացրեք, թե այդ տարածության վրա որքան առվույտ կաճի, որը ձեզ շատ անհրաժեշտ է...— դարձյալ նրան ընդհատեց Ուոմբոլդը։

— Իմ մեքենաները անցյալ տարի չորացրել են երկու անգամ ավելի մեծ հողամաս,— շարունակեց Դիկը։— Գիտեք, ես համոզված եմ, որ մեր Արևմուտքը, ինչպես նաև ամբողջ աշխարհը, պետք է կանգնի ինտենսիվ տնտեսության ուղու վրա, և ես կամենում եմ լինել այդ ուղին բացող առաջիններից մեկը։ Այդ հինգ հազար ակրը ես բաժանել եմ քսան ակրանոց հողամասերի և գտնում եմ, որ այդպիսի յուրաքանչյուր հողամաս կարող է ոչ միայն շատ հանգիստ կերակրել մի ընտանիքի, այլև առնվազն վեց տոկոսի զուտ շահույթ բերել։

— Դա նշանակում է,— հաշվեց թղթակիցը,— որ, երբ հողամասերը բաժանվեն, հող կստանան երկու հարյուր հիսուն ընտանիք, կամ, եթե յուրաքանչյուր ընտանիքում միջինով հաշվենք հինգական մարդ, ապա հազար երկու հարյուր հիսուն հոգի։

— Այդպես չէ,— առարկեց Դիկը։— Բոլոր հողամասերն արդեն զբաղեցված են, իսկ մարդիկ մեզ մոտ շուրջ հազար հարյուր հոգի են։ Բայց ապագայի հույսերը․․․ ապագայի հույսերը մեծ են,— բարեհոգաբար ժպտաց նա։— Մի քանի բերքառատ տարի, և յուրաքանչյուր ընտանիք միջին հաշվով կդառնա վեց հոգիանոց։

— Իսկ ո՞վ է այդ «մենքը»։ Ինչո՞ւ «մեզ մոտ»,— հարցրեց Գրեհեմը։

— Գյուղատնտեսության էքսպերտներից բաղկացած մի կոմիտե ունեմ, բոլորը տեղի ծառայողներ են, բացի պրոֆեսոր Լիրից, որին ժամանակավոր ինձ է զիջել ֆեդերալ կառավարությունը։ Բանն այն է, որ ֆերմերները տնտեսությունը վարելու են սեփական նախաձեռնությամբ, օգտվելով առաջատար մեթոդներից, որոնք հանձնարարվում են մեր հրահանգավորմամբ։ Բոլոր հողամասերում էլ հողը միանգամայն նույնն է։ Այդ հողամասերը մեկը մյուսին են հարում ինչպես պատիճի մեջ եղած սիսեռի հատիկները։ Եվ աշխատանքի պտուղները յուրաքանչյուր հողամասում մի առ ժամանակ նշանակալի կլինեն։ Ու երբ երկու հարյուր հիսուն հողամասերում ստացված արդյունքները համեմատենք իրար հետ, ապա բթության կամ ծուլության հետևանքով միջինից ետ մնացող ֆերմերը պետք է հեռանա։

Ստեղծված են միանգամայն բարենպաստ պայմաններ։ Այդպիսի մի հողամաս վերցնող ֆերմերը ոչ մի վտանգի չի ենթարկվում։ Բացի նրանից, թե ինչ կհավաքի նա հողից, եթե ինչը կօգտագործվի նրան ու նրա ընտանիքին կերակրելու համար, ֆերմերը կստանա նաև տարեկան հազար դոլլար. այդ պատճառով էլ միևնույն է, խելոք է նա, թե հիմար, բերքառատ տարի է, թե ոչ, ֆերմերն ամսական ապահովված է շուրջ հարյուր դոլլար։ Ծույլերն ու հիմարները, բնականորեն, դուրս կմղվեն նրանց կողմից, ովքեր խելացի են և աշխատասեր։ Այսքան մի բան։ Եվ դա հատկապես կծառայի որպես ակներև ապացույց ինտենսիվ տնտեսության բոլոր առավելությունների մասին։ Ի դեպ, այդ մարդիկ ապահովված են ոչ միայն աշխատավարձով։ Այդ վճարումից հետո, ինձ, որպես տնօրենի, պետք է հասնի վեց տոկոս։ Իսկ եթե շահույթն ավելին է, ապա մնացյալը հասնում է ֆերմերին։

— Այդ իսկ պատճառով,— ասաց թղթակիցը,— յուրաքանչյուր ավելի կամ պակաս գործարար ֆերմեր գիշեր-ցերեկ կաշխատի բնականաբար։ Հարյուր դոլլարը փողոցում չի ցանված։ Միացյալ նահանգներում միջին ֆերմերը սեփական հողից հիսուն էլ չի շահում, հատկապես, եթե հանենք հսկողության վարձն ու սեփական աշխատանքը։ Իհարկե, ընդունակ մարդիկ ոտքերով ու ձեռքերով կկառչեն այդպիսի առաջարկից և կջանան, որ ճիշտ այդպես վարվեն ընտանիքի անդամները։

— Ես ուզում եմ առարկել,— հայտարարեց Թերենս Մաք-Ֆեյնը, մոտենալով նրանց։— Չորս կողմից միայն մի բան ես լսում, աշխատանք, աշխատանք... Իսկ ես ուղղակի զայրանում եմ, երբ պատկերացնում եմ, որ յուրաքանչյուր այդպիսի ֆերմեր իր քսան ակրանոց հողամասում ողջ օրը՝ առավոտից մինչև երեկո ծռելու է մեջքը. հանուն ինչի՞։ Մի՞թե մի կտոր հացն ու միսը, և գուցե մի քիչ էլ ջեմն է, որ հանդիսանում է կյանքի իմաստը, մեր գոյության նպատակը։ Չէ՞ որ այդ մարդը, միևնույն է, կմեռնի հալից ընկած բեռնաձիու նման։ Ի՞նչ է արել այդպիսի մարդը։ Իր համար հաց ու մի՞ս է ապահովել։ Որպեսզի փորը կո՞ւշտ լինի և գլխին էլ տանի՞ք ունենա։ Իսկ հետո նրա մարմինը փտելու է մութ, խոնավ գերեզմանում։

— Թերենս, բայց դուք էլ եք մեռնելու,— նկատեց Դիկը։

— Դրա փոխարեն ես ապրում եմ թափառաշրջիկի կախարդական կյանքով,— անմիջապես հետևեց պատասխանը։— Աստղերի ու ծաղիկների, ծառերի հովանու տակ, թեթև հովի ու խոտերի շրշյունի հետ միայնակ անցկացրած իմ ժամե՜րը... Իսկ իմ գրքե՜րը։ Իմ սիրելի փիլիսոփաներն ու նրանց խոհե՜րը։ Իսկ բոլոր արվեստների գեղեցկությո՜ւնը, երաժշտությո՜ւնը, բերկրա՜նքը։ Երբ ես գերեզման իջնեմ, ծայրահեղ դեպքում, կիմանամ, որ ապրել եմ ու կյանքից վերցրել եմ այն ամենը, ինչ նա կարող էր տալ ինձ։ Իսկ ձեր այդ երկոտանի բանող անասունները իրենց քսան ակրանոց հողամասում ողջ օրը քչփորելու են, մինչև որ մեջքի շապիկը քրտնքից թրջվի ու հետո կեղևի պես չորանա, և դա լոկ այն գիտակցության համար, որ կուշտ փորով հաց ու միս է ուտելու, իսկ տանիքն էլ չի կաթելու։ Զավակներ էլ լույս աշխարհ կբերեն, որոնք նույնպես կապրեն բանող անասունի նման, փորները հաց ու միս կլցնեն, կծռեն քրտինքից կոշտացած շապիկներ հագած մեջքները, և վերջապես կգնան դեպի ունայնությունը, կյանքից ստանալով սոսկ հաց ու միս և, գուցե, մի քիչ էլ ջեմ...

— Բայց ախր մեկնումեկն էլ պետք է աշխատի, որպեսզի դուք կարողանաք անբանություն անել,— զայրացած առարկեց Ուոմբոլդը։

— Այո, դա ճիշտ է։ Տխուր բան է, բայց ճշմարիտ է,— մռայլադեմ համաձայնեց Թերենսը. հետո նրա դեմքը հանկարծ պայծառացավ։— Եվ ես երախտապարտ եմ աստծուն այն բանի համար, որ աշխարհում բանող անասուններ էլ կան, դրանց մի մասը արոր են քարշ տալիս դաշտերում, մյուսները՝ աներևույթ այդ խլուրդները, իրենց կյանքն անց են կացնում հանքերում՝ ածուխ և ոսկի պեղելով։ Երախտապարտ եմ այն բանի համար, որ կան հիմար գյուղացիներ․ այլապես մի՞թե իմ ձեռքերն այս քան փափուկ կլինեին, և այն բանի համար, որ մի այնպիսի փառահեղ տղա, ինչպիսին Դիկն է, ժպտում և ինձ հետ կիսում է իր բարիքները, նոր գրքեր է գնում ինձ համար և տեղ է տալիս իր սեղանի մոտ, որի վրա երկոտանի բանող անասունների ստեղծած առատ ուտելիք կա, և իր օջախի մոտ, որ կառուցել են նույն այդ բանող անասունները, ու նաև ազնվամորու պուրակի խրճիթի համար, որտեղ աշխատանքը չի համարձակվի խոթել իր հրեշավոր մռութը...

Այդ երեկո Իվեն Գրեհեմը երկար ժամանակ չէր պառկում քնելու։ Մեծ տունն ու փոքրիկ տանտիրուհին ակամա հուզել էին նրան։ Կիսամերկ, ծխամորճը բերանին, մահճակալի եզրին նստած, նա իր երևակայության մեջ տեսնում էր տարբեր տրամադրություններով ու նկարագրերով Պաոլային այնպես, ինչպես առաջին օրվա ընթացքում զանազան պահերի տեսել էր նրան։ Մերթ Պաոլան նրա հետ խոսում էր երաժշտության մասին և հիացնում իր կատարմամբ, որպեսզի հետո, քաշելով «իմաստունների» վիճաբանության մեջ, կծիկը դնի ու զբաղվի բրիջով։ Մերթ ծալապատիկ նստած բազմոցին՝ նույնքան պատանի ու չարաճճի, որքան կողքին նստած աղջիկները։ Մերթ ձայնի պողպատյա երանգներով զսպում էր ամուսնուն, երբ վերջինս անպայման կամենում էր երգել Լեռնցու երգը, կամ անվախորեն կառավարում էր խեղդվող ձիուն, իսկ մի քանի ժամ հետո ճաշաաենյակ մտավ, ամուսնու հյուրերի մոտ, իր շրջազգեստով ու կեցվածքով հեքիաթային արքայադստեր հիշեցնելով։

Պաոլա Ֆորրեսթը գրավել էր նրա երևակայությունը ոչ պակաս, քան Մեծ տունը՝ իր բոլոր հրաշքներով ու սքանչելիքներով։ Դարձյալ ու դարձյալ Գրեհեմի առջև հառնում էին Դար֊Հիալի արտահայտիչ ձեռքերը, Բերգսոնի հայտնագործությունների մասին բարբաջող Ահարոն Հենքոկի սև բաքենբարդները, մաշված կուրտկա հագած Թերենս Մաք֊Ֆեյնը, որ իր երախտագիտությունն էր հայտնում աստծուն այն բանի համար, որ երկոտանի բանող անասունները իրեն հնարավորություն են տալիս անբանությամբ զբաղվելու, նստելու Դիկ Ֆորրեսթի սեղանի առջև ու երազել ազնվամորու պուրակում։

Վերջապես, Գրեհեմը թափ տվեց ծխամորճի մոխիրը, մի անգամ ևս հայացքը պտտեց այդ տարօրինակ սենյակով մեկ, որը կահավորված էր հնարավոր հարմարավետությամբ, մարեց լույսն ու պառկեց սառը անկողնում։ Սակայն աչքերին քուն չէր գալիս։ Նա դարձյալ լսեց Պաոլայի ծիծաղը. ու դարձյալ ծնվեց արծաթի, պողպատի և ուժի տպավորությունը, խավարում նա դարձյալ տեսավ, թե ինչպես բարեկազմ ծունկը անկրկնելի պլաստիկ մի շարժումով բարձրացնում է շրջազգեստի ծանր դարսերը։ Այդ տեսիլից Գրեհեմը ոչ մի կերպ չէր կարողանում անջատվել, այն հետամուտ էր նրան, ինչպես գայթակղությունը։ Լույսից ու գույներից միահյուսված այդ տեսիլը ասես վառվում էր նրա առջև, անդադար կրկնվելով, ու թեև Գրեհեմը գիտակցում էր, որ դա պատրանք է, սակայն տեսիլը նորից ու նորից հառնում էր նրա դիմաց իր խաբուսիկ իրականությամբ։

Եվ դարձյալ նա տեսավ հեծյալին ու ձիուն, որոնք մերթ սուզվում էին, մերթ դուրս լողում ավազանում, տեսավ փրփուրի մեջ երբեմն հայտնվող սմբակները, տեսավ կնոջ դեմքը, որ ծիծաղում էր, իսկ ոսկեգույն վարսերը միահյուսվել էին ձիու մուգ բաշի հետ։

Նորից նա լսեց նախերգանքի առաջին ակկորդները, և այն նույն ձեռքերը, որոնք կառավարում էին ձիուն, այժմ գործիքից քամում էին ռախմանինովյան ներդաշնակության բյուրեղյա ու հիասքանչ հագեցվածությունը։

Երբ նա, վերջապես, խորասուզվեց քնի մեջ, վերջին միտքը այն մասին էր, թե ինչպիսին են զարգացման այն հրաշալի ու հանելուկային օրենքները, որոնք կարողացել են առաջնային տիղմից ու հողից էվոլյուցիայի գագաթին ստեղծել փայլող ու հաղթանակած կանացի մարմին և կանացի հոգի։

Գլուխ XII

Հետևյալ օրն առավոտյան Գրեհեմը շարունակեց ծանոթանալ Մեծ տան կարգուկանոնին։ Օ֊Տուրը դեռևս նախօրյակին շատ բան էր հաղորդել նրան և հյուրից իմացել, որ արթնանալուց հետո, մի գավաթ սուրճ խմելով, գերադասում է նախաճաշել ոչ թե անկողնում, այլ ընղհանուր սեղանի շուրջ։ Օ֊Տուրը Գրեհեմին նախազգուշացրել էր, որ նախաճաշի համար որոշակի Ժամանակ չի սահմանված և կարելի է ուտել յոթից մինչև տասը, ով՝ երբ կամենա։ Իսկ եթե ձի կամ ավտոմեքենա անհրաժեշտ լինի, կամ եթե ուզենա լողանալ, ապա բավական է ասել այդ մասին։

Յոթ անց կեսին ճաշասենյակ մտնելով՝ Գրեհեմն այնտեղ հանդիպեց թղթակցին ու Այդահոյից եկած գնորդին, որոնք հենց նոր էին ավարտել նախաճաշը և շտապում էին բաց չթովնել տեղի մեքենան, որպեսզի հասնեն Էլդորադո, Սան-Ֆրանցիսկո մեկնող առավոտյան գնացքին։ Գրեհեմը հրաժեշտ տվեց նրանց ու միայնակ նստեց սեղանի մոտ։ Բծախնդիր քաղաքավարությամբ չինացի ծառան առաջարկեց նրան նախաճաշը պատվիրել սեփական քիմքին համապատասխան, և անմիջապես կատարեց նրա ցանկությունը, մատուցելով սառը խերեսով գրեյֆրութ, միաժամանակ հպարտությամբ բացատրելով, որ դա «իրենցն» է, «կալվածքից»։ Հրաժարվելով առաջարկված կերակրատեսակներից՝ շիլայից ու բանջարեղենից, Գրեհեմը խնդրեց թերխաշ հավկիթ ու ապուխտ։ Եվ հենց նոր էր սկսել ուտել, երբ ներս մտավ մտացրիվ Բերթ Ուեյնռայթը, որի տեսքը սակայն չխաբեց Գրեհեմին։ Եվ, իսկապես, հինգ րոպե չանցած, հայտնվեց հիասքանչ խալաթով ու փոքրիկ գդակով Էրնեստինա Դեսթենը և շատ զարմացավ՝ ճաշարանում տեսնելով վաղ արթնանալու այդքան սիրահարների։

Ավելի ուշ, երբ արդեն վեր էին կենում սեղանից, եկան Լյութ Դեսթենը և Ռիտա Ուեյնռայթը։ Բիլիարդ խաղալիս Գրեհեմը Բերթից իմացավ, որ Դիկ Ֆորրեսթը երբեք չի նախաճաշում մյուսների հետ, որ արթնանում է ծեգը-ծեգին, աշխատում է անկողնում, ժամը վեցին խմում է սուրճը և միայն բացառիկ դեպքերում է հյուրերի մոտ հայտնվում երկրորդ նախաճաշից առաջ, որը լինում է տասներկուսն անց կեսին։

Ինչ վերաբերում է Պաոլային, շարունակեց Բերթը, նա վատ է քնում, ուշ է արթնանում, և ապրում է տան այն մասում, որի դուռը առանց բռնակի է։ Դա մի կողաշենք է՝ սեփական ներքին բակով, որտեղ նույնիսկ ինքն է եղել լոկ մեկ անգամ. Պաոլան ևս գալիս է միայն երկրորդ նախաճաշին, այն էլ ոչ միշտ։

— Պաոլան հազվագյուտ առողջության և ուժի տեր կին է,— ասաց Բերթը,— սակայն նրա անքնությունը բնածին է։ Նա միշտ էլ, նույնիսկ երբ շատ փոքրիկ էր, չէր կարողանում քնել։ Եվ դա նրան չի վնասում, որովհետև կամքի մեծ ուժ ունի և զարմանալիորեն տիրապետում է իրեն։ Նրա նյարդերը միշտ լարված են, բայց հուսահատության և իրեն կորցնելու փոխարեն, երբ աչքին քուն չի գալիս, ինքն իրեն հրամայում է հանգստանալ, և հանգստանում է։ Դա անվանում է իր «սպիտակ գիշերները»։ Երբեմն նա քնում է միայն լուսադեմին կամ նույնիսկ առավոտյան ժամը իննին-տասին, և այդ դեպքում քնում է տասներկու ժամ անընդհատ, ու ճաշի է գալիս միանգամայն թարմ ու առույգ։

— Հավանաբար, դա իսկապես բնածին է,— նկատեց Գրեհեմը։

Բերթը գլխով արեց։

— Հարյուր կնոջից իննսունինը բոլորովին կթթվեին, իսկ նա իրեն զսպում է։ Եթե գիշերը չի կարողացել քնել, ապա քնում է ցերեկը և ետ բերում կորցրածը։

Բերթը դեռ շատ բան պատմեց տանտիրուհու մասին, և Գրեհեմը շուտով կռահեց, որ երիտասարդը, չնայած երկարատև ծանոթության, այնուամենայնիվ, վախենում է Պաոլայից։

— Նա, հենց որ ուզենա, հաշիվ կմաքրի ցանկացածդ մարդու հետ,— նկատեց Բերթը։— Տղամարդ, կին, թե ծառա՝ միևնույն է, ինչպիսի տարիքի, սեռի և դիրքի էլ լինի, բավական է, որ նա խոսի հրամայական տոնով, և արդյունքը միշտ նույնն է։ Չեմ հասկանում, թե ինչպես է կարողանում։ Գուցե աչքերում է ինչ-որ բան բռնկում, գուցե շուրթերն են մի ուրիշ տեսակ սեղմվում, չգիտեմ, միայն թե բոլորը նրան լսում և հնազանդվում են։

— Այո,— համաձայնեց Գրեհեմը,— ինչ-որ յուրահատուկ մի բան ունի նա։

— Իհարկե,― ուրախացավ Բերթը։— Ինչ-որ յուրահատուկ բան։ Բավական է միայն ուզենա։ Նույնիսկ, չգիտես ինչու, մարդ սարսափում է։ Գուցե անքուն գիշերներին, երբ լարում է կամքը, այնպես է սովորել իրեն տիրապետել, որ կարողանում է հանգիստ ու առույգ լինել։ Հենց այսօր... Նա, երևի, աչքն էլ չի փակել երեկվա բոլոր դեպքերից հետո. հասկանո՞ւմ եք՝ հուզումներ, մարդիկ, խեղդվող ձի և այլն։ Թեև Դիկն ասում է, որ այն, ինչից ուրիշ կանայք քունը կկորցնեին, Պաոլայի վրա բոլորովին հակառակ ազդեցություն է թողնում, նա կարող է մանկան պես անուշ քնել ռմբակոծվող քաղաքում կամ խորտակվող նավի վրա։ Կասկած չկա, որ նա հրաշք է։ Հետը բիլիարդ խաղացեք և կհամոզվեք։

Մի փոքր ուշ Գրեհեմն ու Բերթը աղջիկներին հանդիպեցին այն սենյակում, ուր նրանք սովորաբար լինում էին առավոտյան, բայց, չնայած նորաոճ երգեր էին երգում, պարում էին ու շաղակրատում, Գրեհեմին համառորեն չէր լքում միայնության զգացումը, ինչ-որ կարոտ ու տանջող ցանկություն, որ Պաոլան ներս մտնի որևէ նոր, անսպասելի տեսքով ու տրամադրությամբ։

Հետո Գրեհեմը՝ Ալթադենին հեծած, և Բերթը՝ զտարյուն, սքանչելի Մոլլի զամբիկով, երկու ժամ շրջագայեցին կալվածքում, եղան կաթի տնտեսությունում և հազիվ հասցրին ժամանակին լինել թենիսի խաղադաշտում, որտեղ նրանց էր սպասում Էրնեստինան։

Գրեհեմն անհամբերությամբ շտապում էր նախաճաշի,— իհարկե, ոչ միայն զբոսանքի հետևանքով ծնված ախորժակի պատճառով,— սակայն նրան սպասում էր խոր հուսահատությունը. Պաոլան չհայտնվեց։

— Դարձյալ «սպիտակ գիշեր» է,— ասաց Դիկը, դիմելով բարեկամին և մի քանի խոսքով ավելացրեց այն պատմությանը, որ արել էր Բերթը՝ Պաոլայի կանոնավոր քնելու անընդունակության մասին։— Պաակերացրեք, մենք մի քանի տարվա ամուսիններ էինք արդեն, երբ ես առաջին անգամ նրան քնած տեսա։ Գիտեի, որ մի ինչ-որ ժամի քնում է, բայց չէի տեսել։ Մի անգամ նա, ի սարսափ ինձ, երեք օր ու գիշեր անքուն անցկացրեց, ընդ որում, այդ ընթացքում նա քնքուշ էր և կենսուրախ, ու վերջապես քնեց ուժասպառությունից։ Դա պատահեց, երբ մեր զբոսանավը ծանծաղուտը խրվեց Կարոլինյան կղզիների մոտ, և ամբողջ բնակչությունը օգնեց մեզ տեղահան անելու այն։ Խոսքը վտանգի մասին չէ, ոչ մի վտանգ մեզ չէր սպառնում, այլ անդադար աղմուկի և ընդհանուր հուզումի մասին։ Պաոլան այդ արկածն ապրեց ծայրահեղ անմիջական ությամբ։ Ու, երբ այդ ամենն ավարտվեց, առաջին անգամ նա քնեց իմ աչքերի առջև։

Առավոտյան մի նոր հյուր եկավ, ոմն Դոնալդ Ուեյր։ Գրեհեմը նրան հանդիպեց նախաճաշի ժամանակ։ Ինչպես երևում էր, Ուեյրը շատ լավ ծանոթ էր բոլորի հետ ու հաճախ էր այցելում Մեծ տուն։ Գրեհեմը խոսակցությունից հասկացավ, որ չնայած շատ ջահել լինելուն, նա ամբողջ ծովեզրում հայտնի ջութակահար է։

— Խենթի պես սիրահարված է Պաոլային,— Գրեհեմին ասաց Էրնեստինան, երբ նրանք դուրս էին գալիս ճաշասենյաակից։

Գրեհեմը զարմանքից վեր քաշեց ունքերը։

— Այո, բայց Պաոլան ուշադրություն չի դարձնում նրա վրա,— ծիծաղեց Էրնեստինան։— Այդպիսի պատմություն է սկսվում այստեղ ժամանող ամեն մի տղամարդու հետ։ Եվ Պաոլան վարժվել է։ Նա սքանչելի մի վարվելաձևով չի նկատում տղամարդկանց կրքերը. հաճույքով ժամանակ է անցկացնում նրանց հետ, իսկ հետո ծիծաղում վրաները։ Դիկին դա զվարճություն է պատճառում։ Մեկ շաբաթ էլ չի անցնի, և դուք կլինեք նույն այդ վիճակում։ Իսկ եթե ոչ, բոլորն էլ կարգին կզարմանան։ Իսկ Դիկը նույնիսկ կվշտանա։ Նա համոզված է, որ դա անխուսափելի է։ Եթե սիրող ամուսինը հպարտանում է իր կնոջով և վարժված է այն բանին, որ սիրահարվեն նրան, ուրեմն ուղղակի կվիրավորվի և կմտածի, թե չեն գնահատում իր կնոջը։

— Ինչ արած,— հառաչեց Գրեհեմը,— եթե այդպես է ընդունված այստեղ, ուրեմն, երևի, ես էլ ստիպված կլինեմ սիրահարվելու։ Ճիշտն ասած, զարհուրելի կերպով չեմ ուզում ինձ պահել այնպես, ինչպես բոլորը։ Հատկապես այն պատճառով, որ բոլորն են այդպես։ Բայց եթե սովորություն է, ի՞նչ կարող ես անել։ Թեև դա ծայր աստիճան դժվար բան է, երբ շուրջդ այդքան անուշիկ աղջիկներ կան։

Գրեհեմի երկարավուն, մոխրագույն աչքերում փայլեց խորամանկությունը, և այդ հայացքն այնպես ազդեց Էրնեստինայի վրա, որ նա զարմացած նայեց երիտասարդին, և հակարծ անդրադառնալով, աչքերն իջեցրեց ու շառագունեց։

— Գիտեք, փոքրիկ Լեոն, երիտասարդ բանաստեղծը, որին հանդիպեցիք երեկոյան,— վրա տվեց Էրնեստինան, ջանալով թաքցնել իր շփոթմունքը,— նա էլ է խենթի պես սիրահարված Պաոլային։ Ես լսեցի, թե ինչպես Ահարոն Հենքոկը նրան ծաղրում էր սոնետների ինչ-որ շարքի կապակցությամբ, և, իհարկե, դժվար չէր կռահել, թե ով է ոգևորել Լեոյին։ Թերենսը, այդ իռլանդացին ևս սիրահարված է Պաոլային, թեև ոչ ծայրահեղ խենթությամբ։ Նրանք ուրիշ ճար չունեն, այս է։ Եվ մի՞թե կարելի է մեղադրել խեղճերին։

— Իհարկե, Պաոլան միանգամայն արժանի է երկրպագուների,— մրմնջաց Գրեհեմը, հոգու խորքում իրեն վատ զգալով, որ իռլանդացին, այդ դատարկագլուխ, այբուբենի հողի վրա խենթացած մտագարը, այդ անիշխանական֊էպիկուրյանը, որ պարծենում է իր ծուլությամբ և ձրիակերությամբ, համարձակվել է, թեև ոչ խենթության աստիճան, սիրահարվել փոքրիկ տիրուհուն։

— Ախր նա իմ խորթ քույրն է,— ասաց Էրնեստինան,— բայց ո՞վ կասի, թե մեր մեջ թեկուզ մի կաթիլ նույն արյունը կա։ Պաոլան բոլորովին ուրիշ է։ Նա Դեսթեններից և ոչ մեկին նման չէ, և ոչ էլ իմ ընկերուհիներից որևէ մեկի, որևէ մի աղջկա նման, որին ես ճանաչում եմ։ Թեև իմ ընկերուհիներից շատ մեծ է, արդեն երեսունութ տարեկան․․․

— Ա՛հ, քի՜ս֊քի՜ս,— շշնջաց Գրեհեմը։

Սիրունիկ շիկահեր աղջիկը շվարած նայեց Գրեհեմին, զարմացած նրա կարծես անբացատրելի բացականչությունից։

— Փիսիկը,— կրկնեց նա ծաղրական հանդիմանանքով։

— Օ՜,— բացականչեց աղջիկը։— Ես ասացի բնավ էլ ոչ այդ իմաստով... Մենք այստեղ վարժվել ենք ոչինչ չթաքցնել։ Բոլորն էլ շատ լավ գիտեն, թե Պաոլան քանի տարեկան է։ Ինքն էլ չի թաքցնում։ Իսկ ես տասնութ տարեկան եմ։ Ահա։ Հիմա, որպես պատիժ ձեր կասկածամտության համար, ասացեք տեսնեմ, թե քանի՞ տարեկան եք դուք։

— Այնքան, որքան և Դիկը,— առանց հապաղելու պատասխանեց Գրեհեմը։

— Իսկ նա քառասուն տարեկան է,— հաղթանակած ծիծաղեց աղջիկը։— Դուք լողալո՞ւ եք։ Ջուրը, երևի, զարհուրելի սառն է։

Գրեհեմը գլուխը շարժեց։

— Ես Դիկի հետ պետք է գնամ, ձիով...

Էրնեստինան վշտացավ իր ողջ տասնութ տարիների անմիջականությամբ։

— Դե, իհարկե։ Նա դարձյալ պետք է ցուցադրի իր մշտադալար արոտավայրերը, կամ լեռնալանջերին ընկած դաշտերը, կամ էլ ոռոգող ինչ-որ ֆոկուսներ...

— Նա լողալու մասին ասաց ժամը հինգի համար։

Աղջկա դեմքը շողաց։

— Դե լավ, այդ դեպքում կհանդիպենք ավազանի մոտ։ Հավանաբար նրանք պայմանավորվել են։ Պաոլան ևս ուզում էր լողալու գնալ Ժամը հինգին։

Նրանք բաժանվեցին կամարաշարի տակ։ Գրեհեմն արդեն քայլում էր դեպի իր աշտարակը, հեծյալ զբոսանքի համար զգեստները փոխելու, երբ Էրնեստինան հանկարծ ձայն տվեց նրան.

— Միստր Գրեհե՜մ։

Նա հնազանդորեն ետ շրջվեց։

— Գիտեք, դուք բնավ էլ պարտավոր չեք սիրահարվելու Պաոլային, ես հենց այնպես ասացի։

— Ես շատ, շատ զգույշ կլինեմ,— միանգամայն լրջությամբ պատասխանեց նա, թեև աչքերը ուրախ փայլում էին։

Սակայն դեպի իր սենյակը գնալիս, նա չէր կարող չխոստովանել, որ Պաոլա Ֆորրեսթի հմայքները կախարդական շոշափուկների պես արդեն հասել էին իրեն ու պարուրել սիրտը։ Եվ գիտեր, որ առավել մեծ հաճույքով կգնար նրա հետ զբոսնելու, քան իր վաղեմի բարեկամ Ֆորրեսթի հետ։

Վիթխարի կաղնիների տակ գտնվող երկարավուն ձիացցերի մոտ գնալիս, նա ագահ հայացքով որոնում էր Պաոլային, բայց այստեղ էին միայն Դիկն ու ախոռապանը. սակայն ստվերում կանգնած մի քանի թամբած ձիեր նրան դարձյալ հուսադրեցին։ Բայց և այնպես մեկնեցին միայն նա և Դիկը։ Դիկն ուղղակի ցույց տվեց կնոջ ձին․ դա մի կրակոտ ու ցեղական զամբիկ էր՝ պողպատե ասպանդակներ ունեցող ավստրալիական փոքրիկ թամբով և կրկնակի սանձով։

— Ես չգիտեմ նրա ծրագրերը,— ասաց Դիկը։— Պաոլան դեռ դուրս չի եկել, բայց, համենայն դեպս, լողալու կգա։ Այն ժամանակ էլ կհանդիպենք։

Ուղևորությունը Գրեհեմին մեծ բավականություն պատճառեց, թեև նա մի քանի անգամ իրեն բռնեց ժամացույցին նայելիս՝ արդյո՞ք դեռ շատ կա մինչև ժամը հինգը։

Մոտենում էր ծնի ժամանակը։ Դիկը և Գրեհեմը մարգագետնից մարգագետին էին գնում, որտեղ արածում էին ոչխարները։ Մերթ Դիկը, մերթ Գրեհեմը ձիուց իջնում էին, որպեսզի ոտքի կանգնեցնեն շրոփշիրյան կամ մերինոս-ռամբուլե ցեղի հիասքանչ ոչխարին, իրենց լայն մեջքին ընկած և դեպի երկինք պարզած բոլոր չորս ոտքերը՝ տեսակների ընտրության այդ խեղճ զոհերը այլևս ուժ չունեին վեր կենալու առանց կողմնակի օգնության։

— Այո, ես իսկապես աշխատել եմ այն բանի վրա, որպեսզի ստեղծեմ ամերիկյան մերինոսներ,— ասաց Դիկը։— Այս ցեղը հիմա ուժեղ ոտքեր, լայն մեջք, ամուր կողեր և մեծ տոկունություն ունի։ Եվրոպայից բերված ցեղերը անհրաժեշտ տոկունություն չունեն. նրանք շատ նազուկ են ու քնքուշ։

— Օ՜հ, դուք մե՛ծ գործ եք անում, մե՜ծ գործ,— հայտարարեց Գրեհեմը։— Ախր դուք ոչխարներ եք ուղարկում Այդահո, մի տեսե՜ք... Ինքնին դա արդեն շատ բան է ասում։

Պատասխանելիս Դիկի աչքերը փայլում էին․

— Ոչ միայն Այդահո։ Թեև դա անհավանական է թվում, սակայն Միչիգանի ու Օհայոյի այժմյան հոտերը, ներեցեք պարծենկոտության համար, հանդիսանում են կալիֆորնիական իմ ռամբուլեների սերունդները։ Իսկ այժմ վերցրեք Ավստրալիան։ Տասներկու տարի առաջ ես այնտեղի մի վերաբնակի երեք ոչխար վաճառեցի, յուրաքանչյուր գլուխը երեք հարյուր դոլլարով։ Երբ նա տարավ, տեղ հասցրեց ու մարդիկ տեսան, անմիջապես վերավաճառեց, յուրաքանչյուր գլխի համար վերցնելով երեք հազարական դոլլար, և ինձ պատվիրեց մի հսկա հոտ։ Եվ ես, կարծեմ, Ավստրալիային ոչ թե վնաս, այլ օգուտ տվեցի։ Այնտեղ ասում են, որ առվույտի, արտեզյան ջրհորների, նավասառնարանների և Ֆորրեսթի ոչխարների շնորհիվ ոչխարաբուծությունն ու բրդի շահույթն ավելացել է երեք անգամ։

Վերադարձին նրանք հանդիպեցին Մենդենհոլլին՝ ձիաբուծարանի կառավարիչին, և սա նրանց տարավ մի կողմ, դեպի անտառածածկ ձորակներով ու կաղնիներով ընդարձակ արոտավայրը, որպեսզի ցույց տա շիրյան ցեղի միամյա քուռակների երամակը, որոնց հաջորդ օրն ուղարկեցին Միրիմար֊Հիլլսի լեռնային արոտավայրերը։ Երամակում մոտ երկու հարյուր գլուխ կլինեին, հաղթանդամ, թավամազ և իրենց տարիքի համար բավականին խոշոր ձիեր էին դրանք, որոնք սկսել էին խորխը գցել։

— Մենք ոչ թե ուզում ենք կուշտուկուռ կերակրել նրանց,— բացատրեց Ֆորրեսթը,— այլ միստր Մենդենհոլլր հետևում է, որպեսզի կերը սննդառատ լինի։ Սարերում, ուր նրանք գնալու են, բացի խոտից նաև հատիկ կտան. դա կստիպի ամեն երեկո հավաքվել կեր ստանալու համար, և այդպիսով, հնարավոր կլինի առանց դժվարության հաշվել անասուններին։ Վերջին հինգ տարիների ընթացքում ես տարեկան միայն Օրեգոն եմ ուղարկում մինչև հիսուն գլուխ երկամյա մատակներ, բոլորն էլ ավելի կամ պակաս ստանդարտ են։ Առանց նայելու էլ առնում են, որովհետև լավ գիտեն իմ ապրանքը։

— Ձեզ մոտ, երևի, ընտրությունը շատ խիստ է,— ասաց Գրեհեմը։

— Այո։ Խոտանվածներին կարող եք տեսնել Սան-Ֆրանցիսկոյի փողոցներում,— պատասխանեց Դիկը,— դրանք սայլաձիեր են։

— Դենվերի փողոցներում էլ,— ավելացրեց Մենդենհոլլը,— Լոս-Անջելոսում՝ նույնպես․ իսկ երկու տարի առաջ, ձիերի պաճարախտի ժամանակ մենք քսան վագոն չորսամյա երիվարներ ուղարկեցինք նույնիսկ Չիկագո և միջին հաշվով յուրաքանչյուրի համար ստացանք հազար յոթհարյուրական դոլլար։ Ավելի փոքրերի համար մենք վերցրինք հազար, վեցհարյուրական, որոշ դեպքերում՝ նաև հազար իննհարյուրական դոլլար։ Աստված իմ, ի՞նչ դներ ունեին այդ տարի ձիերը։

Հազիվ էր Մենդենհոլլը հեռացել, երբ հայտնվեց բարեկազմ, բաշը թափահարող Պալոմինին հեծած մեկը։ Դիկը Գրեհեմին ներկայացրեց միստր Հեննեսիին՝ անասնաբույժին։

— Ես լսեցի, որ միսիս Ֆորրեսթը զննում է քուռակներին,— բացատրեց նա Դիկին,— և եկա, որպեսզի ցույց տամ Եղնիկին. մի շաբաթ էլ չի անցնի, երբ արդեն հնարավոր կլինի թամբել նրան։ Իսկ այսօր ո՞ր ձին վերցրեց միսիս Ֆորրեսթը։

— Ֆրանտին,— պատասխանեց Դիկը․ և հայտնի էր, որ նա նախապես զիտեր, թե ինչպես կընդունի այդ լուրը Հեննեսին։ Անասնաբույժը հանդիմանանքով շարժեց գլուխը։

— Ոչ ոք չի համոզի ինձ, որ կանանց կարելի է մատակներ հեծնել,— մրմնջաց նա։— Բացի այդ, Ֆրանտը վտանգավոր է։ Ավելին, որքան էլ հարգեմ նրա կրակոտությունը, սակայն պետք է ասեմ, որ խորամանկ է ու նենգ։ Միսիս Ֆորրեսթը պետք է հեծներ նրան միայն դնչակալ հագցնելու դեպքում, բայց Ֆրանտը սիրում է նաև քացի տալ, իսկ նրա սմբակներին էլ հո բարձեր չե՞ս կապի․․․

— Դատարկ բաներ են,— պատասխանեց Դիկը,— ձիուն պողպատասանձ է հագցված, ու այն էլ ինչպիսի՜ սանձ. և Պաոլան էլ կարողանում է վարվել նրա հետ։

— Այո, եթե մի գեղեցիկ օր ձին ոտքերի տակ չտրորի նրան,— փնթփնթաց Հեննեսին։— Համենայն դեպս, ես ավելի հանգիստ շունչ կքաշեի, եթե միսիս Ֆորրեսթը հավաներ Եղնիկին։ Դա իսկական կանացի ձի է։ Որքա՜ն կրակոտ է, և ոչ մի նենգություն չունի։ Հրաշալի ձի է, սքանչելի։ Իսկ որ չարաճճի է, մեծ դժբախտություն չէ, կվարժվի։ Բայց միշտ կմնա ուրախ ու քմահաճ, կրկեսային ասպարեզի բեռնակիր չի դառնա։

— Գնանք քուռակներին տեսնելու,— շարունակեց Դիկը։— Պաոլան ստիպված կլինի տանջվել Ֆրանտի հետ, եթե այդ ձիով մտնի երիտասարդ մատակների խմբի մեջ։ Ախր դա նրա թագավորությունն է,— դարձավ նա Գրեհեմին։— Բոլոր ձիերը նրա տիրապետության տակ են։ Եվ հոյակապ արդյունքների է հասնում։ Թե ինչպես է հաջողվում, ինքս էլ չեմ հասկանում։ Ասես մի փոքրիկ աղջիկ մտել է պայթուցիկ նյութերի աշխատանոցը ու պատահականորեն խառնել այն ամենը, ինչ ընկել է ձեռքը, և արդյունքում ստացել է անհամեմատ ավելի հզոր մի նյութ, քան նրանք, որ ստացել էին ճերմակամորուս քիմիկոսները։

Նրանք թեքվեցին գլխավոր ճանապարհից, անցան մոտ կես մղոն, շրջանցեցին կիրճում ընկած անտառակը, որի ստորոտում ոստոստալով վազում էր գետակը, և դուրս եկան սարալանջ, որտեղ կանաչին էին տալիս ընդարձակ արոտավայրերը։ Առաջինը, ինչ հեռվում տեսավ Գբեհեմը՝ բազմաթիվ միամյա ու երկամյա քուռակներն էին, որոնք հետաքրքրասիրությամբ խռնվել էին ոսկեդարչնագույն, զտարյուն Ֆրանտի շուրջը, որը, ծառս եղած, սմբակներով ճեղքում էր օդը և ականջ ծակող ձայնով խրխնջում։

Հեծյալները պահեցին իրենց նժույգները և սպասեցին, թե ինչ է լինելու հետո։

— Մեկ էլ տեսար՝ կգցի վրայից,— բարկությամբ փնթփնթաց անասնաբույժը։— Մի՞թե կարելի է նրա վրա հույս դնել։

Բայց այդ րոպեին Պաոլան, չնկատելով մոտեցած հանդիսատեսներին, կտրուկ և հրամայաբար ինչ-որ բան գոչեց, իսկական հեծյալի ինքնավստահությամբ խթանեց Ֆրանտի մետաքսափայլ կողերը, և սա, իջեցնելով առջևի ոտքերը, սկսեց անհանգիստ պար գալ տեղում։

— Արժե՞ արդյոք այդպես վտանգի ենթարկվել,— մեղմորեն կնոջը կշտամբեց Ֆորրեսթը՝ իր ուղեկիցների հետ մոտենալով նրան։

— Օ, ես կարողանում եմ նրան զսպել...— մրմնջաց կինը սեղմած ատամների արանքից, իսկ այդ ժամանակ Ֆրանտը, ականջները գլխին սեղմած ու չարությամբ փայլեցնելով աչքերը, ատամները բացեց ու, հավանաբար, կխածներ Գրեհեմի ոտքը, եթե Պաոլան ժամանակին չքաշեր երասանակը, դարձյալ խթանները սեղմելով ձիու կողերին։

Ֆրանտը ցնցվեց, սուր ձայնով խրխնջաց և մի րոպե հանգստացավ։

— Հին խաղ է, սպիտակամորթ մարդու խաղ,— ծիծաղեց Դիկը։— Պաոլան ձիուց չի վախենում, և ձին այդ գիտե։ Խորամանկում է, մոլեգնում, իսկ հեծյալը՝ կրկնակի չափով, ձին դիվոտում է, իսկ հեծյալը նրան ցույց է տալիս, թե ինչ բան է իսկական կատաղությունը։

Երեք անգամ, քանի նրանք այստեղ էին՝ պատրաստ ամեն րոպե շրջելու իրենց ձիերն ու նետվել օգնության, եթե Պաոլան կորցնի իր իշխանությունը մատակի վրա, Ֆրանտը փորձեց ծառս լինել, և ամեն անգամ Պաոլան վճռականորեն, զգուշությամբ և համառությամբ զսպեց նրան սանձի ու խթանների օգնությամբ. ու ձին, ամբողջովին քրտինքի մեջ կորած, վերջապես, սանձահարված, հանգստացավ։

— Սպիտակամորթները միշտ այդպես են վարվել,— շարունակեց Դիկը, մինչ Գրեհեմը ամբողջովին տարվել էր սարսռացնելու աստիճան հիացմունք պատճառող փոքրիկ ձիավարժով։— Սպիտակամորթը վայրենու դեմ մարտնչելիս՝ գերազանցում էր նրան իր կատաղությամբ։ Նա գերազանցում էր համառությամբ, ջարդարարությամբ, գանգամաշկ հանելով, տանջելով, մարդակերությամբ։ Ըստ էության, սպիտակամորթները շատ ավելի են խժռել մարդկանց, քան մարդակերները։

— Բարի օր,— ողջունեց Պաոլան հյուրին, ամուսնուն և անասնաբույժին։— Ֆրանտը, ինչպես երևում է, վերջապես, հանգստացավ։ Եկեք քուռակներին նայեցեք։ Միստր Գրեհեմ, զգուշացեք սրա ատամներից, շատ կծանն է։ Հեռու պահեք ձեզ սրանից․ ձեր ոտքերը դեռևս պետք են գալու։

Երբ Ֆրանտի հետ այս ներկայացումն ավարտվեց, քուռակները ասես ինչ֊որ բանից վախեցած, մի վայրկյանում ցրվեցին և կրակոտությամբ չափ տվեցին կանաչ մարգագետնում, բայց քիչ անց, անզուսպ հետաքրքրասիրությամբ բռնված, վերադարձան և, հեծյալների շուրջը խռնվելով, ուշադրությամբ նայեցին նրանց, հատկապես մի չարաճճի երիվարի առաջնորդությամբ նրանք կիսաշրջան կազմեցին և սրեցին ականջները։

Սկզբում Գրեհեմը հազիվ թե տեսնում էր քուռակներին․ նա միայն նայում էր նոր դեր ստանձնած տանտիրուհուն։ «Մի՞թե նրա փոփոխականությանը սահման չկա»,— հարցնում էր յուրովի, նայելով հիասքանչ, քրտնաթոր, տիրուհու կողմից զսպված կենդանուն։ Նույն Լեռնցին, չնայած իր վիթխարի չափերին, հեզահամբույր և ձեռնասուն էր թվում Ֆրանտի կողքին, որը մեկ էլ տեսար, ծառս էր լինում և կծոտում, ջանալով ցած նետել հեծյալին, զտարյուն զամբիկի՝ իրեն յուրահատուկ կամակոր, նուրբ նենգությամբ։

— Հապա՝ նայիր,— շշնջաց Պաոլան Դիկին, չարաճճի երիվարին չխրտնեցնելու համար։— Ի՜նչ գեղեցիկ է։ Ա՜յ թե ինչ էի ուզում։— Հետո դարձավ Իվենին։— Միշտ էլ դրանք մի որևէ թերություն, արատ են ունենում, կատարելությունը գրեթե անհնարին բան է։ Բայց սա կատարելություն է։ Հապա, նայեցեք։ Ավելի լավը հազիվ թե գտնեմ։ Հայրը՝ Մեծ Առաջնորդն է, եթե դուք ծանոթ եք մեր մրցանակակիր արագավազներին։ Երբ արդեն ծերացել էր, վաճառեցին վաթսուն հազարով։ Ժամանակավորապես էին մեզ տվել։ Սա ամբողջ շրջանում նրա միակ սերունդն է։ Բայց նայեցեք։ Ճիշտ հոր կուրծքն է ու թոքերը։ Զամբիկների հարուստ ընտրություն կարող էի անել, որոնք կբավարարեին բոլոր պահանջներին, իսկ մայրը, կարծես հարմար չէր, բայց ես հենց նրան էլ վերցրի։ Շատ համառն էր պառաված օրիորդը։ Բայց ստեղծված էր ճիշտ Մեծ Առաջնորդի համար։ Եվ սա մոր առաջին քուռակն է։ Երբ ծնվեց, մայրը տասնութ տարեկան էր։ Ես գիտեի, որ լավն է լինելու։ Բավական էր միայն նայել երկուսին. կարծես պատվերով լինեին։

— Մայրը կիսով չափ էր զտարյուն,— բացատրեց Դիկը։

— Դրա փոխարեն մորզանների բազմաթիվ նախնիներ էր ունեցել,— անմիջապես պարզաբանեg Պաոլան,— և մեջքի երկայնքով էլ մի շերտ ուներ, ինչպես մուսթանգներն են ունենում։ Մենք սրան կանվանենք «Նիմֆ», թեև ցեղական մատյանների մեջ չի մտնում։ Եվ դա կլինի իմ առաջին անթերի հեծելաձին, վստահ եմ․ և ցանկությունս, ի վերջո, կիրականանա։

― Այդ ցանկությունը չորս ոտք ունի,— խորիմաստ նկատեց Հեննեսին։

— Եվ հինգից մինչև յոթ տեսակի քայլվածք,— ուրախ ավելացրեց Գրեհեմը։

— Բայց և այնպես, բոլորովին չեմ հավանում զանազան քայլվածքներ ունեցող այդ քենթուկկիական ձիերին,— աճապարանքով առարկեց Պաոլան,— նրանք լավ են միայն հարթ տարածության վրա։ Կալիֆորնիայի համար, որտեղ ճանապարհները զարհուրելի են, շատ են անտառային արահետները և այլն, նայած ընդերքի տեսակին ինձ անհրաժեշտ է կարճ կամ երկար վազք և կրճատված վարգ։ Ես նույնիսկ չեմ էլ ասի, որ դա առանձնահատուկ քայլվածք է, այլ ուղղակի թեթև, հանգիստ ընթացք, միայն թե դժվարին ճանապարհի պայմաններում։

— Գեղեցկուհի է,— հիացավ Դիկը, փայլող աչքերով հետևելով երիվարին, որը փոքր֊ինչ համարձակություն ստանալով, ավելի մոտեցավ զսպված Ֆրանտին ու հոտոտեց նրա դունչը իր թրթռացող, փքվող ռունգներով։

— Ես գերադասում եմ, որ իմ նժույգները ոչ թե լրիվ, այլ գրեթե զտարյուն լինեն,— տաքացած հայտարարեց Պաոլան։— Արշավաձին լավ է միայն ձիարշավարանում, իսկ մեր ամենօրյա կարիքների համար այն խիստ մասնագիտացված է։

— Ահավասիկ բարեհաջող խառնուրդի արդյունքը,— նկատեց Հեննեսին, ցույց տալով նՆմֆին։— Վազքի համար իրանը բավականին կարճ է և բավարար չափով երկար՝ խոշոր քայլքի համար։ Պետք է խոստովանեմ, որ չէի հավատում այս զուգակցությունը, բայց ձեզ հաջողվել է, այնուամենայնիվ, սքանչելի տեսակ ստանալ։

-— Երբ ջահել աղջիկ էի, ես ձիեր չունեի,— Գրեհեմին ասաց Պաոլան,— իսկ այժմ ոչ միայն կարող եմ ունենալ որքան ուզենամ, այլև խաչաձևել նրանց և իմ ցանկությամբ ստեղծել նորանոր տեսակներ։ Դա այնքան լավ է, որ երբեմն չեմ կարողանում հավատալ և սլանում եմ այստեղ, որպեսզի տեսնեմ աչքովս ու համոզվեմ, որ այս բոլորը երազ չէ։

Պաոլան դարձավ դեպի Ֆորրեսթն ու երախտապարտ հայացքով նրան նայեց։ Գրեհեմը տեսավ, թե որքան երկար, անթարթ էին նրանք նայում իրար։ Գրեհեմի համար հասկանալի դարձավ, թե Դիկին որպիսի բերկրանք է պատճառում կնոջ երջանկությունը, նրա պատանեկան էնտուզիազմն ու տաքարյունությունը։ «Երջանիկ մարդ...»— մտածեց Գրեհեմը, բայց ոչ այն պատճառով, որ Ֆորրեսթը հարուստ կալվածքի տեր է, այլ այն, որ Ֆորրեսթին է պատկանում այդ սքանչելի կինը, որն, առանց զմայլվելու, ամուսնուն է նայում այդքան պարզ ու երախտաղետ հայացքով։ Եվ Գրեհեմը անվստահությամբ հիշեց Էրնեստինայի հայտարարությունը, թե իբր Պաոլան երեսունութ տարեկան է։

— Հապա, նրա զավակին նայիր, Դիկ,— ասաց Պաոլան՝ մտրակի ծայրը պարզելով գարնանային խոտը ծամող մի սև քուռակի կողմը։— Նայիր նրա ոտքերին ու կոճերին։— Եվ դառնալով դեպի Գրեհեմը՝ ավելացրեց.— Նիմֆի կազմվածքը բոլորովին այլ է, և կոճերն էլ շատ ավելի երկար, բայց ես հենց այդպիսի քուռակ էի ուզում։— Նա թեթևակի սրտնեղությամբ ժպտաց։— Նրա մայրը բաց աշխետ էր, ասես բոլորովին նոր քսան դոլլարանոց մետաղադրամ լիներ, և շատ էի ուզում նրա հետ զույգ կազմող մի ձի էլ ունենալ։ Չեմ ասի, թե արդյունքը եղավ այնպիսին, ինչպես ուզում էի ես, թեև սքանչելի արշավաձի ստացվեց։ Փոխարենը՝ ահավասիկ իմ պարգևը, տեսնում եք՝ սևաթույրը, երբ մոտենանք մայրերին, ես ձեզ ցույց կտամ նրա հարազատ եղբորը, բայց նա ոչ թե սևաթույր է, այլ մուգ աշխետ։ Սարսափելի վշտացած եմ։

Հետո նա քիչ հեռու արածող երկու մուգ աշխետ քուռակներ ցույց տվեց։

— Այդ երկուսը Գյու-Դիլլոնից են, գիտե՞ք, Լոու֊Դիլլոնի եղբորից։ Նրանք տարբեր մայրերից են ծնվել և մի փոքր տարբեր գույն ունեն, բայց հրաշալի զույգ է, ճի՞շտ է, նրանք հոր գույնն ունեն։

Պաոլան թեքեց իր սանձահարած նժույգն ու զգուշորեն սկսեց շրջանցել երամակը այնպես, որ քուռակները չխրտնեն, սակայն մի մասը, այնուամենայնիվ, այս ու այն կողմ ցրվեց։

— Նայեցեք, նայեցեք դրանց,— բացականչեց Պաոլան։— Հինգը բոլորովին ցեղական չեն։ Տեսնո՞ւմ եք, թե առջևի ոտքերը ինչպես են բարձրացնում վազելիս։

— Ես միանգամայն համոզված եմ, որ դրանց մրցանակակիր արշավաձիեր կդարձնես,— ասաց Դիկը ու նորից արժանացավ երախտագիտական մի հայացքի, որը կրկին խոցեց Գրեհեմին։

— Երկուսն էլ ավելի խոշոր մայրերից են ծնվել, ա՛յ, կենտրոնում և ձախ եզրին գտնվողները, իսկ մյուս երեքը միջին մեծության մայրերի ծնունդ են, և դրանցից միայն մեկին կարելի է անջատել մյուսներից։ Մի հայր, հինգ տարբեր մայրեր, և աշխետի երանգները փոքր֊ինչ զանազանվում են։ Բայց ընդհանուր առմամբ այդ հինգից շատ լավ քառյակ կստացվի, և ընդ որում՝ միևնույն տարիքի» Շատ հաջող է, չէ՞։

— Ես հիմա էլ երկամյաների մեջ սքանչելի ձիուկներ եմ տեսնում, որոնք կկարողանանք վաճառել Պոլոյի համար։ Նկատի ունեցեք,— դարձավ Պաոլան Հեննեսիին։

— Եթե միստր Մենդենհոլլը չալի համար մեկոլկես հազար չստանա, ապա լոկ այն պատճառով, որ Պաոլան մոդայից դուրս է գալիս,— ոգևորված գոչեց Հեննեսին։— Ես հետևել եմ այդ մտրուկներին... Իսկ հիմա նայեցեք այն բաց աշխետին։ Առաջ շա՜տ վատն էր։ Մի տարի էլ ժամանակ տվեք, և կտեսնեք, թե նրանից ինչ կստացվփ։ Կովի՞ է նման։ Բնա՛վ։ Եվ ի՜նչ ծնողներ ունի։ Մեկ տարի ևս, և կարելի է ցուցահանդես ուղարկել, իսկական արծաթե դոլլար է։ Հիշո՛ւմ եք, հենց առաջին րոպեից ես վստահ էի նրա նկատմամբ։ Նա, անկասկած, կծածկի ամեն տեսակի բերլինհեյմյան հիմարությունները։ Հենց որ մեծանա, ուղարկեցեք Արևելք։

Պաոլան գլխով արեց, ուշադիր ականջ դնելով Հեննեսիին. այդ հայացքի մեջ, որ Պաոլան նայում էր նրան, փայլում էր քնքշությունը, որն արդյունք էր այդ երիտասարդ կենդանիների և նրանց մեջ եռացող կենսունակության, այն կենդանիների, որոնց համար ինքն էր պատասխանատու։

— Շատ տխուր բան է,— խոստովանեց նա Գրեհեմին երբ վաճառում ես այսքան գեղեցիկ ձիերին և գիտես, որ նրանց անմիջապես պետք է ստիպեն աշխատել։

Պաոլայի ուշադրությունը ամբողջապես կլանված էր կենդանիներով, նա խոսում էր շատ պարզ ու հասարակ, առանց կեղծ ու շինծու արտահայտությունների։ Դիկը չկարողացավ դիմանալ, որպեսզի նրան չգովի Իվենի մոտ։

— Ես կարող եմ մի ամբողջ գրադարան քրքրել ձիաբուծության մասին և մինչև շշմելս ուսումնասիրել մենդելիստական օրենքները, բայց և այնպես կմնամ նույն ապուշը, իսկ նա ամեն բան հասկանում է տեղնուտեղը։ Նա ոչ մի կարիք չունի զանազան ձեռնարկների։ Յոլա է դնում առանց այդ գրքերի, և գործում է ինչ-որ ներքին զղացողությամբ, ասես կախարդուհի լինի։ Բավական է մի հայացք նետի մայրերի երամակցին, մի փոքր ծանոթանա, և արդեն գիտե, թե նրանց ինչ է անհրաժեշտ։ Պաոլան կարողանում է գրեթե միշտ ստանալ այն արդյունքը, որին ձգտում է... բացի գույնից, ճի՞շտ է, Պոլի,— ծաղրեց նա Պաոլային։

Կինը նույնպես ծիծաղեց, ու նրա ատամները փայլեցին։ Հեննեսին ևս ծիծաղեց նրանց հետ, և Դիկը շարունակեց.

— Նայեցեք այն քուռակին։ Մենք բոլորս դիտենք, որ Պաոլան սխալվում է, բայց հապա նայեցեք։ Պաոլան զտարյուն ծեր զամբիկին, որին մենք արդեն շարքից դուրս եկած էինք համարում, խաչաձև բեղմնավորման է ենթարկել մրցանակ շահած մատակի հետ և ստացել է մի քուռակ։ Նորից է խաչաձև բեղմնավորման ենթարկել զտարյունի հետ, սրա դստերը խաչաձևել է նույն այն մրցանակ շահածի հետ, ջնջել է մեր բոլոր տեսությունները ու ստացել է... չէ, հապա մի նայեք, Պոլոյի համար սքանչելի մի պոննի։ Մի հարցում ստիպված պետք է խոնարհվենք Պաոլայի առաջ, նա այս գործում ոչ մի կանացի սենտիմենտալություն չի դրսևորում։ Օհ, նա շատ վճռական է։ Տղամարդու հաստատակամությամբ, առանց որևէ խղճահարության մի կողմ է նետում ոչ լիարժեքներն ու ընտրում այն, ինչ իրեն անհրաժեշտ է։ Բայց գույնի գաղտնիքին դեռ չի տիրապետել։ Այս հարցում նրա հանճարը դավաճանում է։ Ճի՞շտ է, Պոլի։ Դու դեռ շատ կտանջվես, մինչև քո երազած զույգն ստանալը, իսկ մինչ այդ ստիպված կլինես բավարարվել Դադդիով ու Ֆադդիով։ Ի դեպ, ինչպե՞ս է հիմա Դադդին։

— Միստր Հեննեսիի խնամքի շնորհիվ առողջանում է,— պատասխանեg Պաոլան։

— Ոչ մի լուրջ բան չկա,— նկատեց անասնաբույժը։— Մի Ժամանակ սննդի գործն էր խափանվել։ Իսկ նոր ձիապանը վախեցել ու աղմուկ էր բարձրացրել։

Գլուխ XIII

Արոտավայրից մինչև ավազան ընկած ճանապարհին Գրեհեմը զրուցում էր փոքրիկ տիրուհու հետ և իրեն այնքան մոտիկ էր պահում նրան, որքան թույլ էր տալիս Ֆրանտի նենգությունը։ Առջևից ընթացող Դիկը և Հեննեսին խորասուզված էին գործարար խոսակցության մեջ։

—- Ամբողջ կյանքումս անքնությունը տանջել է ինձ,— ասում էր Պաոլան, խթանով թեթևակի սեղմելով Ֆրանտին, որպեսզի զսպի նոր ըմբոստության հնարավորությունը։— Բայց ես շատ շուտ սովորեցի թույլ չտալ, որ դա ազդի նյարդերիս և իմ տրամադրության վրա։ Եվ դեռ վաղ երիաասարդության տարիներիս սովորեցի դրանից օգուտ և նույնիսկ հաճույք ստանալ։ Դա թշնամուն հաղթահարելու միակ միջոցն էր, որը, ես հաստատ գիտեի, հետամուտ է լինելու ողջ կյանքիս ընթացքում։ Հավանաբար, դուք առիթ ունեցել եք հաղթահարել վիթխարի ալիքը՝ սուզվելով նրա տակ։

— Այո, չպայքարելով ու տրվելով նրա իշխանությանը,— պատասխանեց Գրեհեմը՝ նայելով կնոջ վարդագունող դեմքին և անհանգիստ ձիու հետ անդադար պայքարի հետևանքով այդ դեմքին մարգարտահատիկների պես փայլող քրտինքի մանրիկ կաթիլներին։ Երեսունո՞ւթ։ Մի՞թե Էրնեստինան խաբել է։ Պաոլա Ֆորրեսթի տարիքը քսանութ էլ չէր լինի։ Նրա մաշկը աղջկական էր՝ չափազանց հարթ, ձիգ ու թափանցիկ։

— Ճիշտ է,— շարունակեց Պաոլան,— չպայքարելով։ Խցանի նման, ալիքի ռիթմին ենթարկվելով, գահավիժում և բարձրանում ես, որպեսզի նորից մի անգամ էլ օդ ներշնչես։ Դիկն ինձ ցույց է տվել, թե դա ինչպես է արվում։ Ճիշտ նույն բանը կատարվում է անքնության ժամանակ։ Եթե չեմ կարողանում քնել այն պատճառով, որ հուզվել եմ քիչ առաջ ապրած ինչ-որ դեպքերից, ապա տրվում եմ այդ տպավորություններին և շուտով դուրս եմ լողում հորձանուտից, ու ինձ տիրում է ինքնամոռացությունը։ Ես ինքս ինձ ստիպում եմ ամեն բան վերապրել նորից ու նորից, տարբեր կողմերով, ինձ հուզող բոլոր այն պատկերները, որոնք թույլ չեն տալիս մոռացության տրվել։

Օրինակ՝ Լեռնցու հետ երեկվա պատմությունը։ Գիշերով այդ ամենը դարձյալ վերապրել եմ որպես գործող անձ, հետո՝ որպես կողմնակի հանդիսատես, ինչպես աղջիկները, դուք, քավբոյը, և ամենից կարևորը՝ ամուսինս։ Հետո ասես այդ ամենը ես նկարեցի, նկարեցի բազմաթիվ կտավներ՝ տարբեր տեսանկյուններից, և կախեցի դրանք ու սկսեցի զննել, ասես առաջին անգամ էի տեսնում։ Եվ ինձ դնում էի տարբեր հանդիսատեսների տեղ, մերթ որպես պառաված օրիորդ, մերթ որպես բծախնդիր մարդ, մերթ որպես դպրոցական աղջիկ, մերթ էլ որպես մի քանի հազար տարի առաջ ապրող հույն պատանի։ Հետո ես այն հարմարեցրի երաժշտության, դաշնամուր նվազեցի և պատկերացրի, թե ինչպես պետք է հնչի մեծ նվագախմբում կամ փողային գործիքներով։ Ես երգեցի այն, արտասանեցի որպես բալլադ, էլեգիա, սատիրա և այդ ամենի մեջ, ի վերջո, քնեցի։ Ես հասկացա, որ քնել եմ, այսօր միայն կեսօրին արթնանալով։ Վերջին անգամ լսեցի, թե ինչպես ժամացույցը խփեց վեց անգամ։ Վեց ժամ անընդհատ քնելն ինձ համար մեծ հաջողություն է։

Երբ նա ավարտեց իր պատմությունը, Հեննեսին թեքվեց դեպի կողքի ճանապարհը, իսկ Ֆորրեսթն սպասեց կնոջը և միասին շարունակեցին ընթանալ ճանապարհի մյուս եզրով։

— Ուզո՞ւմ եք գրազ գանք, Իվեն,— հարցրեց Դիկը։

— Նախ և առաջ կուզենայի իմանալ, թե ինչի՞ վրա,— ասաց նա։

— Սիգարի վրա... Իսկ գրազ գանք, որ դուք ավազանում Պաոլային չեք կարողանա հասնել տասը րոպեում, ի դեպ, ոչ, հինգ րոպեում. դուք, որքան հիշում եմ, հիանալի լողորդ եք։

— Օ՜հ, Դի՛կ, հաղթանակի համար նրան ավելի շատ հնարավորություն տուր,— մեծահոգաբար ասաց Պաոլան։— Տասը րոպեն շատ է, նա կհոգնի։

— Բայց ախր դու չգիտես, թե ինչպիսի լողորդ է,— առարկեց Դիկը։— Եվ իմ սիգարները լուրջ գրազ չես համարում։ Նա հրաշալի է լողում։ Նա հաղթել է քանականերին, իսկ դու հասկանում ես, թե դա ինչ է նշանակում։

— Ի՛նչ արած, գուցե և ես դեռ կհրաժարվեմ նրա հետ մրցելուց։ Իսկ եթե նա ինձնից անցնի մինչև ուշքի գա՞լս։ Հապա, պատմիր նրա ու նրա հաղթանակների մասին։

— Ես կպատմեմ միայն մի պատմություն։ Այդ մասին մինչև հիմա հիշում են Մարքիզյան կղզիներում։ Դեպքը պատահել է հազար ութ հարյուր իննսուներկու թվականի նշանավոր փոթորկի ժամանակ։ Իվենը քառասուն մղոնը լողալով անցավ քառասունհինգ ժամում, և միայն նա ու մեկ ուրիշը կարողացան հասնել ցամաքին։ Մյուսները քանականեր էին, նրանց մեջ միայն նա էր սպիտակամորթ, սակայն, նա կարողացավ դիմանալ, մյուսները խեղդվեցին...

— Բայց դու կարծեմ ասացիր, որ ինչ-որ մեկն էլ է փրկվել,— ընդհատեց նրան Պաոլան։

— Այդ մյուսը կին էր,— պատասխանեց Դիկը։— Քանակաները խեղդվեցին։

— Ուրեմն, կինն է՞լ էր սպիտակամորթ,— պնդեց Պաոլան։

Գրեհեմը Պաոլայի վրա մի թռուցիկ հայացք նետեց։ Թեև Պաոլան հարցն ուղղել էր ամուսնուն, սակայն գլուխը դարձրել էր Գրեհեմի կողմը, և կնոջ հարցական, ուղիղ հայացքը հանդիպեց նրա աչքերին։

Գրեհեմը դիմացավ այդ հայացքին և նույնքան ուղղամրտորեն ու հաստատակամորեն պատասխանեց.

— Նա քանակա էր։

— Եվ բացի դրանից, թագուհի,— ավելացրեց Դիկը։— Բնիկ առաջնորդների հինավուրց տոհմից սերված թագուհի։ Խուախոա կղզու թագուհին։

— Ուրեմն, արքայական արյո՞ւնն օգնեց նրան չխեղդվելու այն դեպքում, երբ մյուս քանակաները խեղդվում էին, թե՞ դուք,— հարցրեց Պաոլան։

— Կարծում եմ, որ երկուսով էլ օգնեցինք իրարու, հատկապես վերջում,— պատասխանեց Գրեհեմը։— Մերթ ընդ մերթ նույնիսկ կորցնում էինք մեր գիտակցությունը, մեկ նա, մեկ՝ ես։ Եվ միայն մայրամուտին հասանք ցամաք, ավելի ճիշտ, հասանք այն անմատչելի պատնեշին, որի վրա փշրվում էին մակընթացության վիթխարի ալիքները։ Ջրի մեջ նա բռնեց ինձ ու սկսեց ցնցել, որպեսզի մի կերպ խելքի բերի։ Բանն այն է, որ ես մտադիր էի հենց այդտեղ էլ ջրից դուրս գալ, որը նշանակում էր վերջ։

Նա ինձ հասկացրեց, թե գիտե՝ որտեղ ենք գտնվում, հասկացրեց, որ հոսանքը գնում է ափի երկայնքով, արևմտյան ուղղությամբ, և մոտ երկու ժամ հետո մեզ կտանի այնտեղ, որտեղ հնարավոր կլինի ափ դուրս գալ։ Երդվում եմ, այդ երկու ժամերի ընթացքում ես կամ քնած էի, կամ գիտակցությունս կորցրած։ Իսկ երբ մեկ֊մեկ սթափվում էի և չէի լսում այլևս շառաչող մակընթացության ձայնը, տեսնում էի, որ նա էլ այն վիճակում է, ինչպես ինքս էի դրանից առաջ։ Եվ, իմ հերթին, ես էի սկսում ցնցել ու սթափեցնել նրան։ Երկու ժամ ևս անցավ, մինչև կարողացանք հայտնվել ավազի վրա։ Ջրից դուրս գալուն պես մենք հենց նույն տեղում էլ ընկանք ու քնեցինք։ Հաջորդ օրն առավոտյան մեզ արթնացրին արևի ճառագայթները։ Մենք սողացինք դեպի քիչ հեռու աճած վայրի բանանների ստվերի տակ, քաղցրահամ ջուր գտանք այնտեղ, խմեցինք ու դարձյալ քնեցինք։ Երբ արթնացա երկրորդ անգամ, արդեն գիշեր էր։ Ես նորից ջուր խմեցի ու մնացի մինչև հաջորդ առավոտ։ Նա դեռ քնած էր, երբ մեզ գտան մի խումբ քանականեր, որոնք հարևան հովտում վայրի այծերի որսի էին դուրս եկել։

— Գրազ եմ գալիս, որ եթե այդքան քանականեր են խեղդվել, ապա ավելի շուտ դուք եք նրան օգնել, քան թե նա՝ ձեզ,— նկատեց Դիկը։

— Նա պետք է հավիտյան ձեզ երախտապարտ լինի,— ասաց Պաոլան, գրգռիչ տեսքով նայելով Գրեհեմին,— և ինձ մի՛ համոզեք, որ նա երիտասարդ ու գեղեցիկ չի եղել. հավանաբար իսկական ոսկեթուխ աստվածուհի էր։

— Նրա մայրը Խուախոայի թագուհին էր,— պատասխանեց Գրեհեմը։— Իսկ հայրը լավ ընտանիքից սերված անգլիացի, հունագետ գիտնական։ Այն ժամանակ նրանք արդեն մեռած էին, և Նոմարեն դարձել էր թագուհի։ Նա իսկապես երիտասարդ էր ու գեղեցիկ, աշխարհի բոլոր կանանցից էլ գեղեցիկ։ Հոր շնորհիվ նրա մարմնի գույնը ոչ թե ոսկեդարչնագույն էր, այլ բաց-ոսկեգույն։ Բայց դուք, հավանաբար, արդեն լսած կլինեք այդ պատմությունը...

Գրեհեմը հարցական հայացքով նայեց Դիկին, բայց սա գլուխն օրորեց։

Ծառախմբի հետևից լսվեցին ճիչեր, ծիծաղ ու ճողփյուն. նրանք մոտեցել էին ավազանին։

— Դուք որևէ կերպ պետք է ավարտեք ձեր պատմությունը,— հայտարարեց Պաոլան։

— Դիկը շատ լավ գիտե։ Չեմ հասկանում, թե ինչո՛ւ չի պատմել ձեզ։

Պաոլան վեր քաշեց ուսերը։

— Գուցե ժամանակ չի ունեցել, կամ առիթ չի եղել։

— Ավա՜ղ, այդ պատմությունը շատ տարածվեց,— ծիծաղեց Գրեհեմը։— Քանզի, թող դա ձեզ հայտնի լինի, որ ես ժամանակին եղել եմ մորդանատիկ, կամ ինչպես է դա կոչվում՝ չգիտեմ, արքա՝ մարդակերների կղզիներում, համենայն դեպս, պոլինեզական դրախտային, գեղատեսիլ մի կղզում, «որտեղ արևադարձային պուրակների շրշյունի ներքո մանուշակագույն մակընթացությունը գլորվում էր դեպի օպալե ափը»,— մրմնջաց նա անփութորեն և ցած թռավ ձիուց։

— «Եվ գիշերային թիթեռը թրթռում էր վազի վրա, և մեղուն նստում առվույտին...»— շարունակեց Պաոլան և անսպասելի խթանեց Ֆրանտին, որ քիչ էր մնում ատամները խրեր նրա ոտքը։ Հետո դարձավ Ֆորրեսթին, խնդրելով, որ նա օգնի իրեն իջնելու և կապի ձին։

— Սիգարնե՞ր։ Ես էլ եմ մասնակցում... Դուք նրան բռնել չեք կարողանա,— գոչեց Բերթ Ուեյնռայթը քառասուն ֆուտ բարձրություն ունեցող աշտարակից։— Սպասեցեք մի րոպե։ Գալի՜ս եմ։

Եվ նա իսկապես միացավ նրանց՝ դրեթե մասնագիտական ճարպկությամբ ջուրը թռչելով ծիծեռնակի նման և արժանանալով օրիորդների աղմկոտ ծափահարություններին։

— Գերազանց թռիչք է։ Վարպետի թռիչք...— գովեց նրան Գրեհեմը, երբ Բերթը դուրս եկավ ավազանից։

Բերթը ձևացնելով, թե անտաբբեր է այդ գովեստի նկատմամբ, անմիջապես շարունակեց խոսակցությունը գրազի մասին։

— Չգիտեմ, թե դուք ինչպիսի լողորդ եք, Գրեհեմ,— ասաց նա,— բայց Դիկի հետ գրազ եմ գալիս սիգարների վրա։

— Ես էլ, ես էլ,— միաձայն գոչեցին Էրնեստինան, Լյութն ու Ռիտան։

— Անուշեղենի, ձեռնոցների, մի խոսքով այն ամենի վրա, ինչով պատրաստ եք գրազ գալ,— ավելացրեց Էրնեստինան։

— Բայց ես էլ ախր ծանոթ չեմ միսիս Ֆորրեսթի ռեկորդներին,— առարկեց Գրեհեմը՝ գրի առնելով գրազները։— Սակայն, եթե հինգ րոպեի ընթացքում...

— Տասը րոպեի,— ուղղեց նրան Պաոլան,— և ստարտ ենք վերցնելու ավազանի հակադիր ծայրերից։ Համաձա՞յն եք։ Եթե կարողանաք թեկուզ դիպչել ինձ, ուրեմն, բռնել եք։

Գրեհեմը ծածուկ հիացմունքով նայում էր Պաոլային։ Նա ոչ թե մետաքսե ճերմակ տրիկոյով էր, որը երևի հագնում էր միայն կանանց հասարակության մեջ, այլ հրապուրիչ, մոդայիկ, մետաքսյա կապտականաչավուն շողացող լողազգեստով, որը համընկնում էր ավազանի ջրի գույնին։ Կարճ փեշը չէր հասնում մինչև ծնկները, որոնց նուրբ կլորիկությունը նա անմիջապես ճանաչեց։ Հագել էր նույն գույնի երկար գուլպաներ և խաչաձևվող ժապավենիկներով կապված փոքրիկ կոշիկներ։ Գլխին մի սքանչելի լողագդակ կար, նույնքան սքանչելի, որքան և ինքը՝ Պաոլան, երբ տասը րոպե էր նշանակում հինգի փոխարեն։

Ռիտա Ոլեյնռայթը վերցրեց ժամացույցը, իսկ Գրեհեմը գնաց դեպի ընդարձակ, հարյուր հիսուն ֆուտ երկարություն ունեցող ավազանի հեռավոր ծայրը։

— Պաոլա,— նախազգուշացրեց Դիկը,— տես, որ հանկարծ չվրիպես, հակառակ դեպքում նա քեզ կբռնի։ Իվեն Գրեհեմը ոչ թե մարդ է, այլ ձուկ։

— Իսկ ես վստահ եմ, որ կհաղթի Պաոլան,— հայտարարեց հավատարիմ Բերթը։— Ես համոզված եմ, որ նա ավելի լավ է նաև սուզվում։

— Իզուր ես այդպես կարծում,— պատասխանեց Դիկը։— Ես տեսել եմ այն քարաժայռը, որտեղից Իվենը ցատկեց Խուախոա։ Դա այնտեղ ապրելուց հետո էր արդեն, ու նաև թագուհի Նոմարեի մահից հետո։ Նա ընդամենը քսաներկու տարեկան էր, դեռևս՝ մանչուկ, և չկարողացավ հրաժարվել հարյուր քսանութ ֆուտ բարձրություն ունեցող Պաու-Վի Ռոքի գագաթից թռիչք գործելու մտքից։ Բացի այդ, չէր կարելի թռչել բոլոր կանոններով, քանի որ ցածում գտնվում էին երկու ցցվածք։ Վերին ցցվածքը ամենաճարպիկ քանակաների համար արդեն սահման էր. իսկ առավել բարձր տեղից դեռ ոչ ոք չէր ցատկել այն օրից ի վեր, ինչ տեղացիներն հիշում էին իրենց։ Եվ ինչ, նա թռավ։ Ու նոր ռեկորդ սահմանեց։ Այդ ռեկորդի մասին կհիշեն այնքան ժամանակ, քանի դեռ Խուախոայում թեկուզ մի քանակա է ապրում... Պատրաստվիր, Ռիտա։ Հենց որ այս րոպեն ավարտվի...

— Իսկ իմ կարծիքով ամոթ է խորամանկություն անել այդպիսի լողորդի հետ,— հայտարարեց Պաոլան՝ նայելով ավազանի մյուս ծայրին կանգնած և ազդանշանին սպասող հյուրի կողմը։

— Հանկարծ նա քեզ չբռնի ավելի շուտ, քան կհասցնես մտնել խողովակի մեջ,— ասաց Դիկը և հետո ձայնում թեթևակի մի տագնապով, դարձավ Բերթին.— Ամեն ինչ կարգի՞ն է։ Եթե ոչ, ապա Պաոլան ստիպված կլինի մի քանի տհաճ վայրկյաններ ապրել, մինչև այնտեղից դուրս գալը։

— Ամեն ինչ կարգին է,— վստահեցրեց նրան Բերթը։— Անձամբ եմ ստուգել։ Խողովակը շատ լավ է աշխատում և լի է օդով։

— Պատրա՛ստ,— գոչեց Ռիտան։— Սկսում ենք։

Գրեհեմը սրընթաց նետվեց դեպի աշտարակը, ուր վազքով բարձրանում էր Պաոլան։ Նա արդեն վերևում էր, իսկ Գրեհեմը ցածի աստիճանների վրա։ Երբ նա հասավ սանդուղքի կեսին, Պաոլան սպառնաց, որ հիմա կցատկի, և առաջարկեց այլևս վեր չբարձրանալ, կանգնել քսան ֆուտ բարձրության վրա գտնվող հարթակին ու այնտեղից նետվեց ջուրը։ Հետո, վերևից նրան նայելով, ծիծաղեց, բայց հապաղում էր ցատկ կատարել։

— «Ժամանակը սուրում է առաջ, անցնում են թանկագին պահերը»,— արտասանեց Էրնեստինան։

Երբ Գրեհեմը շարունակեց բարձրանալ, Պաոլան դարձյալ առաջարկեց սահմանափակվել և այնպես ձևացրեց, թե ուզում է ցատկել։ Բայց Գրեհեմը ժամանակ չէր կորցնում։ Նա արդեն հասնում էր երկրորդ հարթակին, իսկ Պաոլան գրավելով ելման դիրք, այլևս չէր կարող նայել նրան։ Գրեհեմը արագ-արագ բարձրանում էր, հուսալով հաջորդ հարթակին հասնել ավելի շուտ, քան Պաոլան կսուզվի, իսկ Պաոլան գիտեր, որ այլևս դանդաղել չի կարելի և, գլուխը ետ գցած, արմունկները ծալած, ձեռքերը կրծքին հպած, ոտքերը ձիգ ու իրար սեղմած, նետվեց դեպի ջուրը, և մարմինը, ընկնելով դեպի առաջ ու վար, գրավեց հորիզոնական դիրք։

— Իսկական Աննեթա Քելլերմանն է,— Լսվեց Բերթ Ուեյնռայթի հիացական բացականչությունը։

Գրեհեմը մի պահ կանգ առավ, որպեսզի հիանա Պաոլայի թռիչքով և տեսավ, թե ինչպես ջրին դեռ չհասած, մի քանի ֆուտ բարձրության վրա նա թեքեց գլուխը, ձեռքերը ձգեց, հետո իրար միացրեց գլխի մոտ և, մարմնի դիրքը փոխելով, խորասուզվեց սովորական անկյան տակ։

Այն րոպեին, երբ Պաոլան անհետացավ ջրի տակ, Գրեհեմը հասավ երեսուն ֆուտ բարձրության վրա գտնվող հարթակին ու սպասեց։ Այստեղից շատ լավ երևում էր ջրի տակ դեպի ավազանի հակառակ ծայրը լողացող նրա մարմինը։ Եվ նոր միայն ցատկեց նաև Գրեհեմը։ Նա վստահ էր, որ կհասնի Պաոլային, և դեպի առաջ կատարած եռանդուն ցատկը Գրեհեմին հնարավորություն տվեց խորասուզվել մոտ քսան ֆուտ ավելի հեռու այն տեղից, ուր ընկղմվել էր Պաոլան։

Բայց այն պահին, երբ Գրեհեմը սուզվեց, Դիկը երկու հարթ քար իրար զարկեց ջրի մեջ։ Այդ ազդանշանից հետո Պաոլան պետք է շրջվեր։ Գրեհեմը լսեց չրխկոցն ու զարմացավ։ Նա դուրս լողաց, և մեծ արագությամբ, քրոլով, սուրաց դեպի ավազանի հեռավոր ծայրը։ Տեղ հասնելով՝ նա գլուխը հանեց ջրից և շուրջը նայեց։ Օրիորդների նստած կողմից լսվող ծափահարությունների թնդյունը նրան ստիպեց նայել ավազանի մյուս ծայրին, ուր Պաոլան բարեհաջող դուրս էր գալիս ջրից։

Նա դարձյալ վազքով շրջանցեց ավազանը, և դարձյալ Պաոլան բարձրացավ աշտարակի վրա։ Բայց այժմ, մարզված շնչառության և դիմացկունության շնորհիվ, նա առաջ անցավ Պաոլայից և ստիպեց ցատկել քսանֆուտանոց հարթակից։ Ոչ մի վայրկյան չկորցնելով ելման դիրք ընդունելու և ծիծեռնակաձև թռչելու վրա, Պաոլան ցատկեց ու լողաց դեպի ավազանի արևմտյան կողմը։ Երկուսով էլ օդում էին գրեթե միաժամանակ։ Թե՛ ջրի վրա և թե՛ ջրի տակ Գրեհեմը զգում էր, որ Պաոլան լողում է կողքից, սակայն խոր ստվերի տակ թաքնված, որովհետև արևն արդեն մայրամուտ էր թեքվել, և ջրում այնքան մութ էր, որ անհնարին էր որևէ բան նշմարել։

Ավազանի պատերը շոշափելով՝ Գրեհեմը վեր բարձրացավ։ Պաոլան չէր երևում ոչ մի տեղ։ Նա շնչակտուր դուրս եկավ, պատրաստ՝ դարձյալ սուզվելու, հենց որ մրցակիցը երևա։ Բայց Պաոլայի հետքն անգամ չէր մնացել։

— Յոթ րոպե,— գոչեց Ռիտան։— Յոթ ու կես... Ութ... Ութ ու կես...

Պաոլան ջրից դուրս չէր գալիս։ Գրեհեմը զսպեց իր անհանգստությունը, քանի որ հանդիսականների դեմքին հուզմունքի ոչ մի նշույլ չնկատեց։

— Ես պարտվում եմ,— հայտարարեց Ռիտային, ի պատասխան նրա «ինը րոպե»... բացականչության։— Պաոլան ջրի տակ է արդեն երկու րոպեից ավելի, բայց դուք չափազանց անվրդով եք, որպեսզի ես տագնապեմ։ Ի դեպ, դեռ մեկ րոպե ունեմ ու թերևս չե՞մ պարտվի...— արագ ավելացրեց նա և այս անգամ ուղղակի մտավ ավազան։

Բավականին խորը սուզվելով՝ նա շրջվեց մեջքի վյրա և սկսեց ձեռքերով շոշափել ավազանի պատը։ Եվ ահա, հենց մեջտեղում, ջրի մակերևույթից մոտ տասը ֆուտ ցած, նրա ձեռքերը հանդիպեցին պատի վյրա գտնվող մի անցքի։ Նա շոշափեց անցքի եզրերը և, համոզվելով, որ ցանցապատ չէ, համարձակ ներս լողաց և անմիջապես զգաց, որ հնարավոր է վեր բարձրանալ։ Բայց բարձրանում էր դանդաղ և, ջրից դուրս գալով անթափանց խավարի մեջ, առաջ պարզեց ձեռքերը՝ խուսափելով ամենաչնչին իսկ ճողփյունից։

Հանկարծ նրա ձեռքը դիպավ ինչ-որ մեկի սառը, նուրբ ձեռքին, որը անմիջապես ցնցվեց, և որի տերը վախեցած բացականչեց։ Նա ամուր սեղմեց այդ ձեռքն ու ծիծաղեցի Պաոլան ևս ծիծաղեց։ Եվ Գրեհեմի գիտակցության մեջ բռնկվեցին հետևյալ բառերը. «Խավարում լսելով նրա ծիծաղը՝ ես ջերմորեն սիրեցի նրան»։

— Ինչպես վախեցրիք ինձ,— ասաց Պաոլան։— Այնքան անաղմուկ էիք լողում... իսկ ես այստեղից հազար մղոն հեռու երազում էի...

— Ինչի՞ մասին,— հարցրեց Գրեհեմը։

— Ճիշտն ասած, զգեստի մի լավ ձև անցավ մտքովս.. գինեգույն, փափուկ, մետաքսանման թավիշ, զուսպ, ուղիղ գծեր, ոսկերիզ ժապավեն և այլն։ Եվ դրա հետ՝ միակ թանկարժեք զարդը՝ արնագույն, խոշոր սուտակով մատանի։ Դիկն այղ մատանին նվիրել է տարիներ առաջ, երբ նավարկում էինք նրա «Ամեն ինչ մոռացիր» զբոսանավով։

— Աշխարհում կա՞ մի բան, որ դուք չկարողանաք անել,— ծիծաղելով հարցրեց Գրեհեմը։

Պաոլան էլ ծիծաղեց, ու այդ ծիծաղը տարօրինակ արձագանքներ ծնեց խուլ և ունայն խավարում։

— Խողովակի մասին ձեզ ո՞վ ասաց,— քիչ անց հարցրեց նա։

— Ոչ ոք։ Բայց երբ երկու րոպե անցավ, և դուք չերևացիք, ես կռահեցի, որ մի աճպարարություն կա երևի, ու սկսեցի որոնել։

— Սա Դիկի մտահղացումն է. նա այս խողովակը հետո տեղադրեց ավազանում։ Նա շատ է սիրում այսպիսի խաղերը։ Նրան դուր էր գալիս, երբ տարիքն առած տիկնանց որդիների կամ թոռների հետ լողալու ժամանակ թաքնվում էինք այստեղ, և տիկնայք ընկնում էին հիստերիկայի մեջ։ Բայց այն բանից հետո, երբ նրանցից մեկը կամ երկուսը քիչ մնաց վախից մեռնեին, նա վճռեց, այդ գործը հանձնարարելով ինձ, հոգու հետ խաղալու համար ընտրել առավել ամուր մարդկանց, դե, ասենք, այսօր, դուք էիք... Նրա հետ մի այսպիսի պատմություն էլ տեղի ունեցավ, մեզ մոտ հյուր էր եկել Էրնեստինայի ընկերուհին՝ միսս Քոգլանը, որն ուսանողուհի էր։ Դիկին հաջողվել էր նրան թողնել խողովակի ելքի մոտ, իսկ ինքը աշտարակից ցատկել ու այստեղ էր եկել խողովակի մյուս ծայրից։ Մի քանի րոպե անց, երբ միսս Քոգլանը քիչ էր մնում ուշաթափվի, համոզված լինելով, թե Դիկը խեղդվել է, Դիկը խոսեց հետը խողովակի միջից, մի զարհուրելի անդրշիրիմյան ձայնով։ Այստեղ միսս Քոգլանը իսկապես կորցրեց գիտակցությունը։

— Երևի թույլ նյարդեր ունեցող օրիորդ է եղել,— նկատեց Գրեհեմը, պայքարելով Պաոլայի հետ մրցելու անզուսպ ցանկության դեմ, որպեսզի տեսնի, թե նա ինչպես է ուժասպառ լինում ետ չմնալու ջանքերից։

— Միսս Քոգլանին առանձնապես մեղադրել չի կարելի,— առարկեց Պաոլան։— Իսկական աղջնակ է, տասնյոթ տարեկան, ոչ ավելի, և, ինչպես ընդունված է, սիրահարվեց Դիկին։ Բոլորն էլ այդպես են։ Գիտեք ախր, երթ Դիկը իրեն կորցնում է, դառնում է իսկական մանչուկ, և մարդ չի հավատում, որ իր առջև կանգնած է փորձառու, հասուն, աշխատասեր, հասակն առած մի ջենտլմեն։ Ամենից անհարմարն այն էր, որ երբ խեղճ աղջկան ուշքի բերեցին, նա դեռ լրիվ չսթափված, անմիջապես հայտնեց իր սրտի գաղտնիքը։ Դիկի դեմքը այնպիսի՜ արտահայտություն ստացավ երբ աղջիկը սկսեց խոսել...

— Ի՛նչ է, դուք այդտեղ պատրաստվում եք գիշերե՞լ,— խողովակի մեջ լսվեց Բերթի ձայնը, ընդ որում թվաց, թե մեգաֆոնով են խոսում։

— Աստված իմ,— բացականչեց Գրեհեմը, հանգստանալով ու բաց թողնելով Պաոլայի ձեռքը, որ առաջին իսկ րոպեից ակամա բռնել էր։— Հիմա ես էլ վախեցա։ Ձեր այդ աղջնակի վրեժը լուծված է, այս խողովակից ինձ էլ կարգին հասավ։

— Իսկ մենք, ժամանակն է, որ լույս աշխարհ դուրս գանք,— նկատեց Պաոլան։— Չի կարելի ասել, որ զրույցի համար սա ամենահարմարավետ վայրն է։ Առաջինը ո՞վ դուրս գա։ Ե՞ս։

— Իհարկե, իսկ ես կլողամ ձեր հետևից, ափսոս, որ ջուրը չի լուսարձակում։ Այդ դեպքում ես կկարողանայի հետևել ձեզ, ինչպես այն տղան... հիշո՞ւմ եք, Բայրոնի մոտ...

Նա խավարում լսեց Պաոլայի խրախուսական ծիծաղն ու խոսքերը.

— Դեհ, ես լողացի։

Թեև շրջապատում լույսի ամենանվազ նշույլն իսկ չկար, Գրեհեմը թեթևակի ճողփյունից կռահեց, որ Պաոլան սուզվեց գլուխն ի վար, ներքին հայեցողությամբ գրեթե տեսավ, թե որքան գեղեցիկ կատարեց նա այդ բանը, թեև լողորդ կանայք սովորաբար քիչ գեղատեսիլ են։

— Մեկնումեկը ձեզ ասել էր,— հայտարարեց Բերթը, հենց որ Գրեհեմը հայտնվեց մակերևույթին և դուրս եկավ ավազանից։

— Իսկ դուք այն ավազակն եք, որը քարով չրխկացնո՞ւմ էր ջրի տակ,— իր հերթին հանդիմանեց նրան Գրեհեմը։— Եթե ես պարտվեի, ապա կբողոքարկեի մեր գրազը։ Դա անազնիվ խաղ էր, դավադրություն, և էքսպերտները, հավանաբար, կհաստատեին, որ դա նենգություն էր։ Ես կարող էի հայց ներկայացնել...

— Բայց ախր դուք հաղթեցիք,— բացականչեց Էրնեստինան։

— Անտարակույս, և այդ պատճառով էլ դատի չեմ տա ոչ ձեզ, ոչ էլ խաբեբաների ձեր այդ ելուզակախմբին, եթե դուք անմիջապես վճարեք իմ գրազը։ Սպասեք, դուք մի արկղ սիգար եք պարտք...

— Մեկ հատ սիգար, սըր...

— Ոչ, մի արկղ։ Մի արկղ...

— Խփոցի՜։ Եկեք խփոցի խաղանք,— գոչեց Պաոլան։— Խփոցի՜։ Ես ձեզ խփեցի։

Անմիջապես խոսքից գործի անցնելով՝ նա խփեց Գրեհեմի ուսին և սուզվեց ջուրը։ Գրեհեմը դեռ չէր հասցրել նետվել Պաոլայի հետևից, երբ նրան գրկեց ու պտտեց Բերթը, ինքն էլ խփվելով ու իր հերթին խփելով Դիկին, թույլ չտալով, որ նա փախչի։ Ավազանով մեկ Դիկը սկսեց հետապնդել կնոջը, Բերթն ու Գրեհեմը ջանում էին լողալ նրա առջևը կտրելու համար, իսկ աղջիկները վազեցին դեպի աշտարակն ու շարվեցին այնտեղ հմայիչ մի խմբով։

Գլուխ XIV

Բավականին միջակ լողորդ Գոնալդ Ուեյրը մրցությանը-մասնակցություն չունեցավ, բայց դրա փոխարեն, ճաշից հետո, ի հեճուկս Գրեհեմի, բռնացրեց տիրուհուն և թույլ չտվեց նրան հեռանալ դաշնամուրի մոտից։ Ինչպես հաճախ էր պատահում Մեծ տանը, անսպասելի կերպով հայտնվեցին նոր հյուրեր, փաստաբան Ադոլֆ Վեյլը, որը Դիկի հետ խոսելիք ուներ ջրի իրավունքի վերաբերյալ մի խոշոր հայցի մասին. Մեքսիկայից հենց նոր վերադարձած Դիկի՝ «Հարվեսթի խումբ» ոսկու հանքերի ավագ դիրեկտոր Ջերեմի Բրեքսթոնը, որն հավատացնում էր, թե հանքերն առաջվա պես անսպառ, են. շիկահեր իռլանդացի, երաժշտության և թատերական քննադատ Էդվին Օ'Հեյը և Չոնսի Բիշոփը՝ «Սան֊Ֆրանցիսկոյի նորույթներ» թերթի տնօրենն ու հրատարակիչը և, ինչպես հետո իմացավ Գրեհեմը, Դիկի համալսարանական ընկերը։

Հյուրերից ոմանց Դիկը նստեցրեց թղթախաղի, որ նա անվանում էր «Ճակատագրական հնգյակ». խաղացողներին մի զարհուրելի մոլուցք տիրեց, թեև ամենամեծ շահույթը տասը սենթից ավելի չէր, իսկ բանկ բռնողը տասը րոպեում կարող էր տանուլ տալ կամ շահել շատ֊շատ իննսուն սենթ։ Խաղում էին սենյակի հեռավոր ծայրին գտնվող մեծ սեղանի մոտ, և այնտեղից մեկ էլ լսվում էին աղմկոտ բացականչություններ. ոմանք մանր դրամ էին պարտք խնդրում, մյուսները խնդրում էին մանրել խոշորները։

Խաղին մասնակցում էին ինը հոգի, և սեղանի մոտ նեղվածք էր, որովհետև Գրեհեմը ոչ այնքան ինքն էր խաղում, որքան փող էր դնում Էրնեստինայի խաղաթղթերի վրա, միևնույն ժամանակ անդադար նայելով վիթխարի սենյկի հակառակ ծայրին, որտեղ Պաոլա Ֆորրեսթը և ջութակահարը զբաղված էին Բեթհովենի սոնատներով և Դելիբի բալետներով։ Բրեքսթոնը խնդրեց առավելագույն շահույթը բարձրացնել մինչև քսան սենթ, իսկ Դիկը, որի բախտը ոչ մի կերպ չէր բանում,— նա պնդում էր, որ արդեն հաջողացրել է տանուլ տալ չորս դոլլար վաթսուն սենթ,— աղերսանքով աղոթում էր, որ մեկնումեկը քանդի բանկը, որպեսզի վաղն առավոտյան սենյակը հավաքելու և լուսավորելու համար վճարելու բան մնա։ Գրեհեմը հառաչանքով տանուլ տալով իր վերջին մանրը, Էրնեստինային հայտարարեց, որ ուզում է սենյակում թափառել «բախտի փոփոխության» համար։

— Ես ձեզ համար գուշակեցի...— կիսաձայն նկատեց Էրնեստինան։

— Ի՞նչ,— հարցրեց նա։

Էրնեստինան բազմանշանակ մի հայացք նետեց Պաոլայի կողմը։

— Այդ դեպքում, առավել ևս կգնամ այնտեղ,— պատասխանեց Գրեհեմը։

— Մարտահրավերից չե՞ք կարողանում հրաժարվել,— կատակով ծաղրեց Էրնեստինան։

— Եթե դա մարտահրավեր լիներ, ես չէի համարձակվի ընդունել։

— Ուրեմն, դա համարեցեք մարտահրավեր,— հայտարարեց Էրնեստինան։

Գրեհեմը գլուխը շարժեց։

— Ես դեռ ավելի շուտ էի վճռել գնալ այնտեղ ու նրան դուրս հրել վազքուղուց։ Ձեր մարտահրավերն այլևս չի կարող զսպել ինձ։ Բացի այդ, միստր Օ'Հեյը սպասում է ձեր վար դնելիք գումարին։

Էրնեստինան աճապարանքով տասը սենթ դրեց և նույնիսկ չնկատեց՝ տանո՞ւլ տվեց, թե շահեց, քանզի ծայրահեղ հուզմունքով էր հետևում Գրեհեմին, երբ նա քայլում էր դեպի սենյակի հակառակ ծայրը, թեև շատ լավ նկատեց, որ Բերթ Ուեյնռայթը որսաց այդ հայացքն ու իր հերթին հետևում էր Էրնեստինային։ Սակայն, ոչ նա, ոչ Բերթը, և ոչ էլ խաղացողներից որևէ մեկը չնկատեց, որ աչքերն ուրախ շողացնելով, ամեն տեսակի հիմարություններ դուրս տվող ու հյուրերին անդադար ծիծաղեցնող Դիկից նույնպես ոչ մի մանրուք չխուսափեց այս ողջ տեսարանից։

Պաոլայից մի փոքր ավելի բարձրահասակ, սակայն ապագայում գիրանալու հեռանկարներ ունեցող Էրնեստինան ծաղկող, գեղատեսիլ մի շիկահեր էր, նուրբ վարդագույն երանգ ունեցող քնքուշ մաշկով, որպիսին ունենում են միայն տասնութ տարեկան աղջիկները։ Մատների, ափի, դաստակի, պարանոցի ու այտերի բացվարդագույն մորթը թվում էր թափանցիկ։ Եվ Գիկը չէր կարող չնկատել, որ երբ աղջիկը նայում էր դեպի սենյակի մյուս ծայրը քայլող Գրեհեմին, հանկարծ շիկնեց վառ կարմիրով։ Դիկը նկատեց, որ աղջկա ներսում բռնկվեց ինչ֊որ մի երազանք, բայց թե հատկապես՝ ինչպիսի, գուշակել չկարողացավ։

Իսկ Էրնեստինան նայելով, թե ինչպես է այդ բարձրահասակ, բարեկազմ մարդը, անփութորեն սանրած, արևի տակ խանձված ավազա-ոսկեգույն մազերով գլուխը հպարտորեն վեր պահած քայլում սենյակում, ինչպես թվաց աղջկան՝ արքայազնի քայլվածքով, առաջին անգամ ցավագին կերպով զգաց նրա մետաքսանման մազերը շոյելու անհաղթահարելի մի ցանկություն։

Սակայն, վերջերս մամուլում հայտնված հարոլդ Բաուերի մասին գնահատականի շուրջը ջութակահարի հետ վիճող ու համառորեն առարկող Պաոլան ևս հայացքը չէր կտրում դեպի իր կողմը քայլող Գրեհեմից։ Պաոլան էլ բերկրանքով նկատեց նրա շարժուձևի արտակարգ բարեկրթությունը, գլխի հպարտ կեցվածքը, ալիքաձև մազերը, այտերի նուրբ բրոնզագույն արևայրուքը, սքանչելի ճակատը և երկարավուն, կոպերի տակ թեթևակի թաքնված մոխրագույն և տղայական բարկացկոտ աչքերը, ընդ որում այդ արտահայտությունն անմիջապես հալվեց, երբ Գրեհեմը ժպտալով ողջունեց նրան։ Իրենց հանդիպումից ի վեր, Պաոլան բազմիցս նկատել էր այդ ժպիտը, որն ուներ անասելի մի հմայք։ Բարեկամական, բարեհամբույր ժպիտը մի արտակարգ փայլ էր ստանում Գրեհեմի աչքերում, իսկ բերանի անկյուններում հայտնվում էին բարի և ուրախ փոքրիկ ծալքեր։ Այդ ժպիտին չպատասխանելն անհնարին բան էր, և Պաոլան լուռ ժպտաց նրան, շարունակելով Ուեյրին շարադրել իր առարկությունները Բաուերի երաժշտության մասին Օ’Հեյի չափազանց ներողամիտ գրախոսության նկատմամբ։ Հետո, ըստ երևույթին, կատարեղով Ուեյրի խնդիրքը, նա նվագեց հունգարական պարեր, դարձյալ հիացմունք պատճառելով Գրեհեմին, որը գլանակը ձեռքին նստել էր պատուհանի խորշում։

Գրեհեմը զարմանում էր Պաոլայի բազմակողմանի ունակությունների վրա, հիանում էր այդ բարակ մատներով, որոնք մերթ սանձահարում էին Ֆրանտին, մերթ հաղթահարում էին ստորջրյա խորությունները, մերթ կարապների պես, քառասուն մետրանոց բարձրությունից թռչում էին օդում, միանալով լողորդուհու գլխի վերևում՝ արդեն ավազանի մակերևույթին հասնելիս, որպեսզի պաշտպանեն նրան ջրի հարվածից։

Պատշաճության համար Գրեհեմը լոկ մի քանի րոպե նստեց Պաոլայի մոտ, հետո վերադարձավ դեպի հյուրերը և արժանացավ նրանց աղմկոտ հիացմունքին, Մեքսիկայից ժամանած դիրեկտորին անդադար տանուլ տալով հինգսենթանոցներ, միաժամանակ սքանչելի կերպով խաղալով ժլատ-հրեայի ագահություն և մոլուցք։

Ավելի ուշ, երբ խաղն ավարտվեց, Բերթն ու Լյութը փչացրին Բեթհովենի «Պաթետիկ սոնատի» ադաջիոն Պաոլայի կատարմամբ, այն ներկայացնելով ինչ֊որ գրոտեսկային ֆոքստրոտի միջոցով, որն անմիջապես Դիկը կոչեց «Բուքսիրային սեր», և այն աստիճան հասցրին Պաոլային, որ նա էլ, ի վերջո, քրքջաց ու դադարեց նվագել։

Նոր խումբ կազմած՝ Վեյլը, Ռիտան, Բիշոփն ու Դիկը նստեցին բրիջ խաղալու։ Դոնալդ Ուեյրը ստիպված եղավ Պաոլայի նկատմամբ իր մենաշնորհը զիջել Ջերեմի Բրեքսթոնի առաջնորդությամբ մոտեցած երիտասարդությանը։ Գրեհեմը և Օ’հեյը տեղավորվեցին պատուհանի խորշում և զրույց սկսեցին քննադատության մասին։

Պաոլայի նվագակցությամբ երիտասարդները խմբով երգեցին հավայական երգեր, հետո երգեց Պաոլան իր իսկ նվագակցությամբ։ Նա գերմանական մի քանի ռոմանսներ կատարեց։ Պաոլան, երևի, երգում էր միայն իրեն շրջապատած երիտասարդների և ոչ թե ամբողջ հասարակության համար, և Գրեհեմը գրեթե ուրախությամբ վճռեց, որ կարծես, կարողացավ հայտնագործել գեթ մի անկատարելություն. թեկուզև Պաոլան հրաշալի դաշնակահարուհի է, սքանչելի հեծյալ, գերազանց սուզվում է և լողում, բայց, չնայած իր կարապային պարանոցին, աստված գիտե, թե ինչպիսի երգչուհի է։ Սակայն շուտով Գրեհեմը ստիպված եղավ փոխել իր կարծիքը։ Պարզվեց, որ նա, համենայն դեպս, երգչուհի է, իսկական երգչուհի։ Ճիշտ է, նրա ձայնը չուներ հզորություն և փայլ, բայց քնքուշ էր ու ճկուն, այն ջերմ թրթիռով, որը հմայիչ էր դարձնում նաև նրա ծիծաղը։ Եվ եթե ուժը չէր բավում ձայնին, ապա դա փոխհատուցվում էր հնչեղությամբ, ճշգրտությամբ, արտահայտչականությամբ ու ըմբռնողականությամբ, գեղարվեստական վարպետությամբ։

Այո, ձայնը փոքր էր։ Իսկ որ տեմբրի գեղեցկությունը գերում է, ոչինչ չես կարողանա ասել։ Դա իսկական կնոջ ձայն էր, որ հնչում էր առլեցուն կրքով, բռնկվող խառնվածքի ամբողջ ջերմությամբ, խառնվածքի, որը սակայն զսպվում էր աննկուն կամքով. Գրեհեմին հիացրեց նաև ձայնի առանձնահատկությունները շատ լավ հասկացող երգչուհու կարողությունը, որ հմտորեն օգտվում էր իր ձայնից, առանց այն լարելու. այստեղ Պաոլան իսկական վարպետություն ցուցաբերեց։

Այն ընթացքում, երբ Գրեհեմը մտացրիվ գլխով էր անում ժամանակակից օպերայի վիճակի մասին իսկական դասախոսություն կարդացող Օ’Հեյին, միևնույն ժամանակ հարցնում էր ինքն իրեն, առավել խոր զգացմունքների և կրքերի ոլորտում էլ կարողանո՞ւմ է արդյոք Պաոլան տիրապետել իր խառնվածքին նույնպիսի կատարելությամբ, ինչպես արվեստում։ Այդ հարցը նրան մտահոգում էր, ինչպես ինքն էր համոզում իրեն, «հետաքրքրությունից դրդված». բայց այստեղ միայն հետաքրքրասիրությունը չէր հիմնականը։ Գրեհեմին մտահոգել էր ավելի մեծ բան, քան հետաքրքրասիրությունն է, տղամարդու էության մեջ անհիշելի ժամանակներից սաղմնավորված առավել տարերային ինչ֊որ բան։

Իր հարցին պատասխան ստանալու անսպասելի ցանկությունը ստիպեց նրան մտածել ու հայացքով ընդդրկել բարձր, խոշոր գերաններով առաստաղ և աշխարհի բոլոր անկյուններից հավաքած ավարներով զարդարված վերնասրահ ունեցող այս սենյակը, ու վերջապես, հենց իրեն՝ այս նյութական բոլոր բարիքների տնօրենին, ամուսնուն այն կնոջ, որն հիմա նվագում էր ճիշտ այնպես, ինչպես աշխատում է ամուսինը՝ ամբողջ հոգով, և խարդախության մեջ բռնված Ռիտայի վրա ուրախ ծիծաղող Դիկ Ֆորրեսթին. Ռիտան նետել էր ոչ համապատասխան խաղաթուղթ. այո, չէ՞ որ Գրեհեմը երբեք աչք չէր փակում դաժան ճշմարտության վրա։ Իսկ այդ բոլոր հարցերի ու վերացական դատողությունների հետևում կանգնած էր կենդանի կինը՝ փայլուն, հիասքանչ, արտակարգ, կանացիության իսկական մարմնացում Պաոլա Ֆորրեսթը։ Այն րոպեից, երբ ինքը առաջին անդամ տեսավ ու ապշեց խեղդվող հովատակին հեծած Պաոլայի տեսքից, նա ասես դյութեց Գրեհեմի տղամարդկային երևակայությունը։ Չէ՞ որ Գրեհեմը ամենից քիչ համբակ էր կանանց նկատմամբ և սովորաբար իրեն պահում էր որպես մի մարդու, որը հոգնած է նրանց ձանձրալի միօրինակությունից։ Ոչ՛. սովորական կնոջ հանդիպելը նույնն էր, ինչ մարգարիտ որոնողների բազմաթիվ սերունդների կողմից մաքրազարդված ծովալճակում հիասքանչ մի մարգարիտ գտնելը։

— Ուրախ եմ ձեզ ողջ տեսնելով,— ծիծաղեց Պաոլան՝ մի փոքր անց դառնալով նրան։

Պաոլան և Լյութը գնալու էին քնելու։ Այդ ընթացքում նոր բրիջ կազմեցին՝ Էրնեստինան, Բերթը, Ջերեմի Բրեքսթոնը և Գրեհեմը, իսկ Օ'Հեյն ու Բիշոփը սկսեցին շաշկի խաղալ։

— Մեր իռլանդացին իսկապես հրաշալի մարդ է, միայն թե չի կարելի թույլ տալ նրան հեծնելու իր ձիուկին,— շարունակեց Պաոլան։

— Իսկ ձիուկը, երևի, երաժշտությո՞ւնն է,— հարցրեց Գրեհեմը։

— Երբ գործը հասնում է երաժշտությանը, նա դառնում է անտանելի,— նկատեց Լյութը։— Դա միակ բանն է, որից իսկապես ոչինչ չի հասկանում։ Նա կարող է ուղղակի խենթացնել մարդու։

— Հանգստացիր,— կրծքային ծիծաղով ծիծաղեց Պաոլան,— ձեր բոլորի վրեժը կլուծվի։ Դիկը հենց նոր ականջիս ասաց, որ վաղը երեկոյան կանչել է փիլիսոփաներին։ Իսկ դուք գիտեք, թե նրանք որքան են սիրում խոսել երաժշտության մասին։ Երաժշտության քննադատը նրանց օրինական որսն է։

Մի առիթով Թերենսն ասաց, որ այդ որսի համար տարվա բոլոր եղանակներին թույլատրելի է որսորդությունը,— ավելացրեց Լյութը։

— Թերենսն ու Ահարոնը այն օրը կգցեն նրան, որ կսկսի խմել,— ծիծաղելով շարունակեց Պաոլան,— էլ չեմ խոսում Դար-Հիալի և նրա՝ արվեստի լպիրշ տեսության մասին, որը, նա, իհարկե, հերքելու համար այն ամենը, ինչ կասվի, կհաջողացնի կիրառել երաժշտության նկատմամբ։ Իսկ ինքը ոչ մի գռոշի արժեք չի տալիս իր լպիրշ տեսությանը և դրան վերաբերում է նույնքան անլրջորեն, ինչպես, հիշո՞ւմ եք, իր պարին։ Պարզապես, դա նրա համար զվարճանալու մի ձև է։ Նա այնքան խորամիտ փիլիսոփա է, որ երբեմն էլ անհրաժեշտ է գտնում կատակել։

— Բայց եթե Օ’Հեյը դարձյալ կպչի Թերենսին,— չարագուշակ երանգով հայտարարեց Լյութը,— ես արդեն կանխավ տեսնում եմ, թե ինչպես Թերենսը թևանցուկ է անում նրան, տանում բիլիարդանոց և իր փաստարկումներն այնտեղ հաստատում խմիչքների ամենաաներևակայելի խառնուրդով։

— Որի հետևանքով Օ’Հեյը մյուս օրը կընկնի անկողին,— ծիծաղելով ավելացրեց Պաոլան։

— Ես անպայման կասեմ, որ հենց այդպես էլ անի,— բացականչեց Լյութը։

— Դուք մի՛ կարծեք, որ մենք այդքան վատն ենք,— Գրեհեմին դարձավ Պաոլան։— Մեր տանն ուղղակի այդպիսի ոգի է տիրում։ Չարաճճի բաները դուր են գալիս Դիկին, ինքն էլ անընդհատ պատմություններ է սարքում։ Դա նրա հանգստանալու միջոցն է։ Լյութին հենց նա էլ հուշել է, որ Թերենսը Օ’Հեյին բար քարշ տա, ես համոզված եմ։

— Ի՞նչ արած, չեմ թաքցնի,— պատասխանեց Լյութը բազմանշանակ։— Այո, այդ գաղափարը միայն ինձ չի պատկանում։

Այդ րոպեին նրանց մոտեցավ Էրնեստինան և Գրեհեմին ասաց.

— Բոլորս ձեզ ենք սպասում։ Խաղաթղթերն արդեն քաշել են, դուք իմ խաղընկերն եք։ Պաոլան գնում է քնելու։ Բարի գիշեր մաղթեցեք նրան և թույլ տվեք, որ գնա։

Ժամը տասին Պաոլան գնաց։ Բրիջն ավարտվեց ժամը մեկին։ Դիկը, եղբայրաբար գրկելով Էրնեստինային, Գրեհեմի հետ գնաց մինչև նրա պահակային աշտարակի շրջադարձն ու, բարի գիշեր մաղթելով, որոշեց ուղեկցել իր երիտասարդ քրոջը։

— Մի րոպե, Էրնեստինա,— ասաց Դիկը հրաժեշտ տալու ժամանակ, ջինջ ու քնքշորեն նայելով նրան իր ժպտացող, մոխրագույն աչքերով. բայց ձայնը հնչում էր լրջորեն ու նախազգուշացնող երանգով։

— Ինչ է, նորի՞ց ավելորդ բան եմ արել,— կատակով փնթփնթաց նա։

— Ոչ... առայժմ։ Բայց ավելի լավ կլինի, եթե չսկսես, հակառակ դեպքում քո սրտիկը կփշրվի։ Ախր դու դեռևս աղջնակ ես, տասնութ տարին ի՞նչ է որ։ Դու անուշիկ, գեղեցիկ աղջիկ ես, որի վրա ամեն մի տղամարդ ուշադրություն կդարձնի։ Բայց Իվեն Գրեհեմը «ամեն մի» չէ։

— Օհ, խնդրում եմ... Ինձ վրա խնամատարություն անելու կարիք չկա, ես փոքրիկ չեմ,— բռնկվելով, առարկեց նա։

— Համենայն դեպս, ականջ դիր ինձ։ Ամեն մի երիտասարդ աղջկա կյանքում վրա է հասնում այնպիսի շրջան, երբ սիրո մեղվիկը սկսում է բարձրաձայնդ բզզալ նրա սիրունիկ գլխում։ Հենց այստեղ է, որ պետք է խուսափել սխալից ու չսիրահարվել նրան, ում պետք չէ սիրահարվել։ Քանի դեռ չես սիրահարվել Իվեն Գրեհեմին, քո միակ խնդիրը պետք է լինի հետագայում էլ չսիրահարվել։ Նա քեզ համար զույգ չէ, և ընդհանրապես ոչ մի երիտասարդ աղջկա զույգ չէ։ Գրեհեմն արդեն պատանի չէ, նա շատ բան է տեսել, անցկացրել և, իհարկե, վաղուց ի վեր մոռացել է նույնիսկ ռոմանտիկ սիրո ու երիտասարդ թռչնակների մասին, տասը կյանք էլ ապրելու լինես, միևնույն է, չես իմանա այն, ինչ նրա համար վաղուց արդեն նորություն չէ։ Եվ եթե նա երբևէ դարձյալ ամուսնանա...

— Դարձյա՞լ,— ընդհատեց նրան Էրնեստինան։

— Նա, սիրելիս, տասնհինգ տարուց ավելի է, ինչ այրիացել է։

— Հետո՞ ինչ,— կրքոտությամբ հարցրեց նա։

— Այն,— անվրդով շարունակեց Դիկը,— որ նա արդեն ապրել է իր պատանեկան սիրավեպը, և այն էլ ինչպիսի՜ կախարդական սիրավեպ... Եվ քանի որ այս տասնհինգ տարիների ընթացքում երկրորդ անդամ չի ամուսնացել, նշանակում է...

— Նա չի՞ կարողանում մոռանալ կորուստը,— դարձյալ ընդհատեց Էրնեստինան։— Բայց դա դեռ չի ապացուցում...

— Նշանակում է, նա ապրել է հրապուրվելու պատանեկան շրջանը,— համառորեն շարունակեց Դիկը։— Ավելի քննախույզ նայիր նրան, և դու կհասկանաս, որ, իհարկե, հարմար առիթներ պակաս չի ունեցել, և որ, հավանաբար, շատ անգամներ իսկապես հմայիչ, խելացի ու փորձառու կանայք փորձել են պտտել նրա գլուխը և կոտրել նրա համառությունը։ Բայց մինչև հիմա ոչ ոք չի կարողացել որսալ նրան։ Իսկ ինչ վերաբերում է երիտասարդ աղջիկներին, ապա ինքդ էլ գիտես, այդպիսի մարդու հետևից ուղղակի խմբերով են վազում։ Ծանրութեթև արա այս ամենը և խնայիր քեզ։ Եթե թույլ չտաս, որ սիրտդ բոցավառվի, դու ապագայում կփրկես քեզ տանջալի ցրտի զգացողությունից։

Նա բռնեց Էրնեստինայի ձեռքն ու քնքշորեն սեղմեի իրեն։

Լռություն տիրեց. Դիկը ջանում էր դուշակել, թե ինչի մասին է մտածում Էրնեստինան։

— Գիտե՞ս, մենք, մոլորված, փորձառու ծերուկներս...— սկսեց Դիկը կատակով ու մեղավոր ձայնով։

Բայց Էրնեստինան կտրուկ վեր քաշեց ուսերն ու բացականչեց.

— Հենց միայն այդպիսիներն էլ արժանի են ուշադրության. երիտասարդները, մեր հասակակիցները սոսկ երեխաներ են և բնավ էլ հետաքրքիր չեն։ Նրանք նման են մտրուկների. միայն թե թռչկոտան, աղմկեն, ուրախանան, Ոչ մի կաթիլ լրջություն չունեն, մեջները բարդ բնավորությամբ որևէ մեկին չես հանդիպի... նրանք... նրանց մեջ աղջիկները ոչ մի իմաստնություն չեն զգում, և ոչ էլ ուժ... մի խոսքով, իսկական առնականություն չկա...

— Դա, իհարկե, հասկանում եմ,— մրմնջաց Դիկը։— Բայց մի մոռացիր, խնդրում եմ, այս ամենին նայել մյուս կողմից, չէ՞ որ դուք, տաքարյուն երիտասարդ արարածներդ, ձեր տարիքի տղամարդկանց վրա թողնում եք ճիշտ նույնպիսի տպավորություն։ Նրանք ձեր նմանների մեջ տեսնում են խաղալիք, զվարճալիք, գեղեցիկ մի թիթեռնիկ, որի հետ կարելի է չարաճճիություններ անել, բայց երբեք չեն համարում իրենց հավասար ընկերուհի, որի հետ կիսեն և՛ իրենց ուրախությունը, և՛ վիշտը։ Կյանքն անհրաժեշտ է ճանաչել։ Եվ հասուն կանայք ճանաչել են... համենայն դեպս՝ դրանցից ոմանք ճանաչել են։ Բայց քեզ նման թռչնակը, Էրնեստինա, ի՞նչ է կարողացել ճանաչել։

— Լսիր,— հանկարծ ընդհատեց նա Դիկին անհամբերությամբ, գրեթե մռայլված,— պատմիր այդ տարօրինակ պատանեկան սիրավեպի մասին, որը եղել է վաղուց, տասնհինգ տարի առաջ։

— Տասնհի՞նգ,— վրա տվեց Դիկը, ինչ-որ բան մտածելով։— Ոչ, ոչ թե տասնհինգ, այլ տասնութ։ Նրանք ամուսնացան կնոջ մահից երեք տարի առաջ։ Պսակադրումը կատարել էր անգլիացի պաստորը, և արդեն ամուսիններ էին դարձել, երբ դու, ճչալով, հենց նոր հայտնվեցիր լույս աշխարհ։ Հիմա հաշվիր...

— Այո, այո... Իսկ հետո՞,— նյարդայնորեն շտապեցրեց նրան Էրնեստինան։— Ինչպիսի՞ն էր նա։

— Շլացուցիչ գեղեցկուհի, ոսկե-թուխ կամ կաթնա-ոսկի մաշկով, պոլինեզիական խառնածին թագուհինրանից առաջ թագավորել էր մայրը, իսկ հայրը անգլիացի ջենտլմեն էր ու իսկական գիտնական, որ կրթություն էր ստացել Օքսֆորդում։ Անունը Նոմարե էր. Խուախոա կղզու թագուհին էր այդ վայրենի կինը։ Իսկ Գրեհեմը այնքան երիտասարդ էր, որ ոչինչ չարժեր նրա համար դառնալ ճիշտ այնպիսի վայրենի, ինչպիսին Նոմարեն, եթե ոչ ավելի։ Սակայն նրանց ամուսնության մեջ ոչ մի ստորացուցիչ բան չկար։ Գրեհեմը ինչ-որ պատահական, թոկից փախած ավանտյուրիստ չէր։ Կինը, որպես օժիտ բերեց իր կղզին ու քառասուն հազար հպատակներին։ Իսկ Գրեհեմը նրան նվիրաբերեց իր հույժ ծանրակշիռ կարողությունը և մի այնպիսի ապարանք կառուցեց, որպիսին չի եղել ու չի լինի հարավային ծովերի կղզիներում։ Դա իսկական, տեղական շինություն էր ամբողջական, թեթևակի տաշված ծառաբներից, որոնք միացված էին կոկոսաթելի պարաններով, ուներ խոտե տանիք և նույն ոգով այլ պարագաներ։ Թվում էր, թե ծառերի նման, ապարանքն աճել է նույն հողից, որ գետնի տակ տարածված արմատներ ունի, որ այդ կղզու անբաժանելի մասն է կազմում, թեև դրա հեղինակը ճարտարապետ Հոփքինսն էր, որին Գրեհեմը հրավիրել էր Նյու-Յորքից։

Եվ ինչպե՜ս էին ապրում նրանք։ Ունեին սեփական, արքայական զբոսանավ, լեռներում՝ ամառանոց, մի ուրիշ՝ լողացող ամառանոց, որը նույնպես իսկական ապարանք էր։ Ես եղել եմ այնտեղ։ Այդ ամառանոցով շքեղ խնջույքներ էին կազմակերպվում... ի դեպ, դա արդեն ավելի ուշ շրջանին է վերաբերում։ Նոմարեն մեռավ, Գրեհեմն անհետացավ անհայտ մի ուղղությամբ, և կղզին անցավ նոմարեի ազգականի տնօրինությանը։

Ես ասացի, որ Գրեհեմը ավելի վայրենի էր դարձել, քան իր կինն էր։ Նրանք ապրում էին ոսկու մեջ... Մի՞թե հնարավոր է ամեն բան պատմել։ Այն ժամանակ Գրեհեմը դեռ իսկական երեխա էր։ Նոմարեն՝ նույնպես, և կիսով չափ անգլուհի, կիսով չափ պոլինեզուհի լինելով, իսկական թագուհի։ Երկու ժողովուրդների երկու գեղեցիկ ծաղիկներ, կախարդական հեքիաթի միջից դուրս եկած երկու հրաշալի երեխաներ... Եվ գիտես, Էրնեստինա, տարիներն անցել են, և Իվենի համար երիտասարդական արքայությունը մնացել է հետևում։ Որպեսզի հիմա հնարավոր լինի նվաճել նրան, անհրաժեշտ է բոլորովին առանձնահատուկ մի կին։ Բացի այդ, ըստ էության, նա սնանկացած է, թեև քամուն չի տվել իր կարողությունը։ Ինչ արած, ճակատագիրն էր այդպիսին։

— Նրա համար ավելի ընդունելի է Պաոլան,— մտասույզ ասաց Էրնեստինան։

— Այո, իհարկե,— համաձայնեց Դիկը։— Պաոլան կամ Պաոլայի նման մեկ այլ կին նրա համար հազար անգամ ավելի հրապուրիչ է, քան մյուս բոլոր գեղեցիկ երիտասարդ աղջիկները իրար հետ վերցրած։ Մենք, ավագ սերնդի մարդիկ, գիտես ախր, մեր իդեալներն ունենք։

— Ուստի ինձ էլ կհրամայես բավարարվել հասակակի՞ց տղաներով,— հառաչեց Էրնեստինան։

— Առայժմ՝ այո,— ծիծաղելով ասաց նա։— Բայց մի՛ մոռացիր, որ ժամանակի ընթացքում դու էլ կմեծանաս ու կկարողանաս դառնալ այնպիսի հիանալի հասուն մի կին, որ ընդունակ կլինես սիրո մրցակցության մեջ հաղթել նույնիսկ Իվենի պես տղամարդուն։

— Բայց ես այն ժամանակ վաղուց արդեն ամուսնացած կլինեմ,— վշտացած ծոր տվեց Էրնեստինան։

— Եվ դա քեզ համար շատ լավ բան կլինի, թանկագինս։ Իսկ այժմ՝ բարի գիշեր։ Եվ վրաս մի՛ բարկացիր։ Լա՞վ։

Էրնեստինան ժպտաց մի խղճալի ժպիտով, շարժեց գլուխը և շուրթերը ձգեց համբուրելու համար։ Հրաժեշտ տալիս նա ասաց.

— Ես չեմ բարկանա, բայց այն պայմանով, որպեսզի դու ինձ ցույց տաս այն ճանապարհը, որով երբևէ կկարողանամ հասնել այնպիսի ծերուկների սրտին, ինչպիսին դու և Գրեհեմն եք։

Դիկը, ճանապարհին մարելով էլեկտրական լույսը, քայլեց դեպի գրադարան և, մեքենագիտության ու ֆիզիկայի վերաբերյալ տեղեկագրքեր ընտրելով, ժպտաց գոհ ժպիտով՝ հիշելով քենու հետ ունեցած իր խոսակցությունը։ Նա վստահ էր, որ Գրեհեմի առիթով Էրնեստինային զգուշացրեց ճիշտ ժամանակին։ Բայց գրադարակի հետևում գտնվող սանդուղքով դեպի իր աշխատասենյակը գնալիս, նա հանկարծ հիշեց Էրնեստինայի մի արտահայտությունը ու անմիջապես կանգ առավ՝ ուսով հենվելով պատին։ «Նրա համար ավելի ընդունելի է Պաոլան...»

— Ավանակ,— բարձրաձայն ծիծաղեց նա ու շարունակեց վեր ելնել։— Եվ դեռ տասներկու տարի էլ ամուսնացած ես։

Էրնեստինայի ասածը նա չհիշեց այլևս մինչև այն րոպեն, երբ դեռ չէր պառկել ու, մինչև էլեկտրականության գործնական կիրառության իրեն հետաքրքրող հարցերով զբաղվելը, չէր նայել ծանրաչափին ու ջերմաչափին։ Հետո նա հայացքն ուղղեց դեպի բակի մյուս կողմում գտնվող մութ կողաշենքը, որպեսզի իմանա՝ քնա՞ծ է արդյոք Պաոլան, և դարձյալ հիշեց Էրնեստինայի բացականչությունը։ Նա մի անգամ էլ ինքն իրեն ավանակ անվանեց և սովորականի պես սկսեց աչքի անցկացնել ընտրած գրքերն ու անհրաժեշտ էջերի արանքներում լուցկիներ դնել։

Գլուխ XV

Վաղուց էր խփել ժամը տասը, երբ Գրեհեմը, թափառելով տանն ու գուշակելով այն մասին, թե լինո՞ւմ է այնպես, որ Պաոլան իր կողաշենքից դուրս է գալիս կեսօրից շուտ, հասավ երաժշտական սենյակին։ Թեև Ֆորրեսթների տանը նա գտնվում էր արդեն մի քանի օր, սակայն տունն այնքան մեծ էր, որ այստեղ, Գրեհեմը, պարզվում է, դեռ չէր եղել։ Դա մի հիանալի դահլիճ էր, երեսունհինգը վաթսուն ֆուտի վրա, բարձր առաստաղով, որի քառանկյունի տաշած գերանների միջև դեղնավուն ապակիներ էին տեղադրված, և դրա շնորհիվ սենյակը ողողված էր մեղմ ոսկեշող լույսով։ Պատերի ու կահույքի վրա շատ էին կարմիր երանգները, և թվում էր ամեն տեղ ապրում էին երաժշտության դուրեկան արձագանքները։

Գրեհեմը մտացրիվ նայեց Քեյթի կտավին, որը յուրահատուկ էր այդ նկարչի համար սովորական՝ արևի լույսով հագեցած օդի ու աղոտ ստվերներում ընկղմված ոչխարների կոնտրաստներով, երբ հանկարծ աչքի ծայրով նկատեց, որ հեռավոր դռնից ներս մտավ Պաոլան։ Եվ դարձյալ նրան տեսնելով՝ Գրեհեմի շունչը թեթևակի բռնվեց։ Պաոլան ոտքից գլուխ ճերմակ էր հագել և բոլորովին երիտասարդ էր թվում շնորհիվ հոլոկուի, այդ ընտիր ու պարզ, կարծես ձև չունեցող զգեստի ազատ ընկնող ծալքերի։ Գրեհեմը հոլոկու տեսել էր այդ զգեստի հայրենիքում՝ Հավայաներում, որտեղ այն հմայք էր տալիս նույնիսկ տգեղ կանանց, իսկ գեղեցիկներին դարձնում կրկնակի դյութիչ։

Սենյակի տարբեր ծայրերից նրանք ժպտացին իրար, և Գրեհեմը նրա մարմնի շարժումներում, գլխի դարձվածքում, ջինջ, բարեհամբույր հայացքում նկատեց ինչ֊որ ընկերական, բարեկամական մի բան, ասես Պաոլան ուզում էր ասել. «Մենք ընկերներ ենք»։ Գոնե այդպես թվաց Գրեհեմին, երբ Պաոլան մոտեցավ նրան։

— Այս սենյակը մի թերություն ունի,— լրջորեն ասաց Գրեհեմը։

— Ի՜նչ եք ասում։ Ի՞նչ թերություն։

— Պետք է չափազանց երկար լիներ։ Երկու անգամ ավելի երկար։

— Ինչո՞ւ,— հարցրեց Պաոլան, չփոթված շարժելով գլուխը, իսկ Գրեհեմը հիանում էր նրա այտերի աղջկական, նուրբ կարմրությսւմբ, որը ոչ մի կերպ չէր կապվում երեսունութ տարիների հետ։

— Որովհետև,— պատասխանեց նա,— այդ դեպքում, դուք ստիպված կլինեիք քայլել երկու անգամ ավելի տարածություն, և ես կկարողանայի ձեզնով ավելի երկար հիանալ։ Ես միշտ ասում էի. հոլոկուն ամենասքանչելի հագուստն է, որ երբևէ հնարել են կանանց համար։

— Ուրեմն, պատճառը ոչ թե ես եմ, այլ իմ հոլոկուն,— ասաց Պաոլան։— Տեսնում եմ, դուք էլ Դիկի նման եք. ձեր հաճոյախոսությունները միշտ թելից են կապված, ու հենց որ մենք՝ թշվառ կանայքս, հավատանք դրանց, դուք կքաշեք, թելից, և այլևս հաճոյախոսություն չի լինի։ Իսկ այժմ եկեք ցույց տամ ձեզ այս սենյակը,— աճապարանքով շարունակեց նա՝ ջանալով կանխել Գրեհեմի առարկությունը։— Դիկն այս սենյակը ինձ է տվել։ Եվ այստեղ ամեն բան արված է իմ ընտրությամբ, նույնիսկ համաչափությունը։

— Իսկ կտավնե՞րը։

— Ինքս եմ ընտրել, բոլորը, և ինձ համար սիրելի է ամեն մեկը, թեև Դիկը ինձ հետ վիճեց Վերեշչագինի առիթով։ Նա շատ հավանեց երկու Միլլեներին, այն Կորոն, ինչպես նաև Իզաբեն. նա համաձայն է, որ երաժշտական սենյակում կարող է լինել Վերեշչագինի որևէ մի կտավը, բայց միայն թե ոչ այդ։ Նա տեղական նկարիչներին գերադասում է օտարերկրացիներից, ուզում է, որ մերոնց գործերից ավելի լինեն, քան օտարներինը, և որպեսզի մենք սովորենք գնահատել մեր վարպետներին։

— Ես լավ եմ ճանաչում Խաղաղօվկիանոսյան ափեզրի նկարիչներին,— ասաց Գրեհեմը։— Կուզենայի լսել նրանց մասին... Ցույց տվեք ինձ... Այո, անկասկած, այնտեղ կախված է Քեյթի կտավը... Իսկ ո՞վ է կողքինը։ Սքանչելի գործ է։

— Ոմն Մաք-Քոմաս,— պատասխանեց Պաոլան։

Գրեհեմը այն է ուզում էր մի կես ժամ անցկացնել կերպարվեստի մասին հաճելի զրույցով, երբ սենյակ մտավ Դոնալդ Ուեյրը. նրա դեմքին անհանգստություն էր կարդացվում, բայց, տեսնելով փոքրիկ տիրուհուն, աչքերն ուրախությամբ շողացին։

Ջութակը թևատակին սեղմած՝ նա գործարար տեսքով քայլեց դեպի դաշնամուրը և սկսեց տեղավորել նոտաները։

— Մինչև նախաճաշ մենք կաշխատենք,— Գրեհեմին դիմեց Պաոլան։— Դոնալդը պնդում է, որ ես սարսափելի ետ եմ մնացել, և կարծում եմ, որ նա մասամբ իրավացի է։ Կտեսնվենք նախաճաշի ժամանակ։ Եթե կամենում եք, կարող եք, իհարկե, մնալ այստեղ, բայց զգուշացնում եմ, որ դա լինելու է իսկական աշխատանք։ Իսկ երեկոյան կգնանք լողալու։ Դիկը ավազանի մոտ հանդիպում է նշանակել ժամը չորսին։ Ասում է, թե նոր երգ ունի և անպայման կկատարի... ժամը քանի՞սն է, միստր Ուեյր։

— Տասնմեկից տասը պակաս,— մի փոքր գրգռված, պատասխանեց շութակահարը։

— Դուք շուտ եք եկել. մենք պայմանավորվել էինք ժամը տասնմեկին։ Ուստի, պարոն, ստիպված կլինեք սպասել մինչև տասնմեկը։ Ես պետք է նախ բարի լույս ասեմ Դիկին։ Այսօր դեռ նրան չեմ հանդիպել։

Պաոլան ճշգրտորեն գիտեր, թե ինչպես է բաշխված ամուսնու ժամանակը։ Միշտ սեղանի վրա գտնվող նրա նոթատետրի վերջին թերթին ինչ֊որ հիերոգլիֆներ էին գծված, որոնք հիշեցնում էին, թե ամուսինը վեցն անց կեսին սուրճ է խմում. որ, եթե ձիով դուրս չի եկել, ապա նրան մինչև ութն անց քառասունհինգ կարելի է գտնել անկողնում՝ գրքեր կամ սրբագրություններ թերթելիս։ Իննից մինչև տասը նրա մոտ գնալ չի կարելի, քանի որ նամակներ է թելադրում Բլեյքին. տասից մինչև տասնմեկը դարձյալ չի կարելի, նա խորհրդակցում է իր տնտեսվարների ու կառավարիչների հետ, միևնույն ժամանակ Բոնբրայթը՝ քարտուղարը, սղագրողի արագությամբ գրի է առնում այդ կայծակնային հարցազրույցը։

Ժամը տասնմեկին, երբ շտապ հեռագրեր կամ անհետաձգելի գործեր չեն լինում, նա կարող էր ամուսնուն միայնակ գտնել, թեև այս դեպքում էլ միշտ զբաղված էր լինում որևէ բանով։ Անցնելով գրասեղանի մոտով՝ Պաոլան լսեց գրամեքենայի չխկչխկոցը ու հասկացավ, որ Դիկն արդեն մենակ է։ Գրադարանում հանդիպեց Բոնբրայթին, որը Մենսոնի՝ շորթհորներով զբաղվող անասնապահի համար գիրք էր որոնում, դա նշանակում էր, որ Գիկը ավարտել է կալվածքի հետ կապված գործերը։

Պաոլան սեղմեց կոճակը, և գրքերով լի դարակների մի շարք պտտվեց նրա առաջ, բացելով պտուտակաձև երկաթյա սանդուղքը, որը տանում էր դեպի Դիկի աշխատասենյակը։ Վերևում, գաղտնի զսպանակին հպատակվելով, դարակները դարձյալ պտտվեցին, և նա անաղմուկ ներս մտավ։

Բայց այստեղ նա լսեց Ջերեմի Բրեքսթոնի ձայնը, և սրտնեղության մի ստվեր սահեց կնոջ դեմքով։ Դեռ ոչ ոքի չտեսնելով և ինքն էլ ոչ ոքի կողմից չնկատվելով՝ Պաոլան անհամարձակ կանգ առավ։

— Եթե հեղեղելու ենք, ուրեմն՝ կհեղեղենք,— ասում էր հանքերի տնօրեն հարվեսթը։— Իհարկե, հետո կարելի է ջուրը դուրս քաշել, թեև դրա համար անհրաժեշտ կլինի վիթխարի կարողություն, բայց մի տեսակ ամոթ է հին հանքախորշերը հեղեղելը։

— Բայց վերջին տարվա հաշվետվությունները ցույց տվեցին, որ մենք աշխատում ենք ահագին վնասով,— լսեց Պաոլան Դիկի ձայնը։— Մեզ կողոպտում են բոլորը. Ուերթի ելուզակախմբի ամեն մի թոկից փախած, ամեն մի ձիագող֊պեոն։ Եվ ապա՝ արտակարգ հարկերը, ելուզակները, ապստամբները, ֆեդերալականները։ Կարելի էր մի կերպ հանդուրժել, եթե նախատեսվեր որոշակի վերջ, բայց մենք ոչ մի երաշխիք չունենք, որ անկարգությունները չեն տևի ևս տասը֊քսան տարի։

— Բայց և այնպես՝ մտածեք։ Ափսոս է հեղեղելը,— դարձյալ առարկեց կառավարիչը։

— Իսկ դուք մի՛ մոռացեք Վիլլայի մասին,— իր հերթին առարկեg Դիկը կծու ծիծաղով, որի մեջ թաքնված ցավը չխուսափեց Պաոլայից։— Չէ՞ որ նա հայտարարել է. եթե հաղթի, ապա բոլոր հողերը բաժանելու է պեոններին. լոկ հաջորդ անխուսափելի քայլը՝ հանքերն են։ Ի՞նչ եք կարծում, անցած տարի մենք որքա՞ն ենք հավելյալ վճարել սահմանադրականներին։

— Հարյուր քսան հազարից ավելի,— վրա բերեց Բրեքսթոնը,— չհաշված հիսուն հազարը ոսկու ձուլածոներով, որոնք հանձնվեցին Թորենասին՝ նրա նահանջից առաջ։ Նա լքեց իր բանակը Գվաիմասում և ավարի հետ ծլկեց Եվրոպա... Այդ մասին ես ձեզ գրել եմ...

— Իսկ եթե մենք շարունակենք աշխատանքները, Ջերեմի, նրանք կկթեն մեզ, անընդհատ կկթեն։ Ոչ, բավական է։ Ըստ իս, համենայն դեպս, ավելի լավ է հեղեղելը... Եթե մենք կարողանում ենք հարստություններ ստեղծել առավել հաջողությամբ, քան այդ անբանները, ապա նրանց ցույց կտանք, որ մենք կարող ենք նույնքան հեշտությամբ նան ոչնչացնել դրանք։

— Նույն բանը ես եմ ասում։ Իսկ նրանք միայն ծիծաղում են և կրկնում, որ ծայրահեղ անհրաժեշտության նկատառումներով այսպիսի ու այսպիսի կամավոր զոհաբերությունները հույժ հաճելի կլինեն ապստամբների առաջնորդներին, այսինքն՝ հենց իրենց։ Նրանց գլխավոր առաջնորդները, իհարկե, ոչ մի պեսո չեն գրպանում։ Աստված իմ, ես նրանց հիշեցրի այն ամենը, ինչ մենք արել ենք, մշտական աշխատանք ենք տվել հինգ հազար պեոնների, օրավարձն ավելացրել ենք տասից մինչև հարյուր տասը սենտավոյով։ Ես նրանց ցույց տվեցի այն պեոններին, որոնք վարձվելիս ստանում էին տասը սենտավո, իսկ հիմա հինգ պեսո են ստանում։ Բայց ում ես ասում։ Միայն ժպտում են և ղբաղված են մի բանով. ինչպիսի՞ ճանապարհներով կամավոր զոհաբերություններ քամեն հեղափոխության սուրբ գործի համար։ Աստված վկա, ծերուկ Ռիասը թեև ավազակ է, բայց կանոնավոր ավազակ է։ Ես այդ Արրանսոյին ասացի. «Եթե մենք դադարեցնենք աշխատանքը, հինգ հազար մեքսիկացիներ կհայտնվեն փողոցում։ Որտե՞ղ կտեղավորեք նրանց»։ Արրանսոն ծիծաղեց ու ասաց. «Որտեղ կտեղավորե՞նք։ Ինչ արած, հրացաններ կտանք նրանց ձեռքն ու կտանենք Մեխիկոյի վրա»։

Պաոլան շատ որոշակի պատկերացրեց, թե ինչպես Դիկը արհամարհանքով վեր է քաշում ուսերը զրուցակցին պատասխանելիս.

— Դժբախտությունն այն է, որ դեռ ոսկի կա այնտեղ, և միայն մենք կարող ենք այդ ոսկին արդյունահանել։ Մեքսիկացիները այդ գործը գլուխ բերելու համար խելք չունեն։ Նրանք կարողանում են միայն հրացան կրակել, իսկ մեզնից էլ քամել մինչև վերջին թելը։ Մնում է մի բան, Ջերեմի, շուրջ մեկ տարի մոռանալ ամեն տեսակի շահույթների մասին, արձակել բանվորներին, թողնելով միայն տեխնիկներին, և ջուր քաշել։

— Ես այդ ամենը ջանացի ներշնչել Արրանսոյին,— բամբ ձայնով ասաց Ջերեմի Բրեքսթոնը։— Իսկ նա ինձ ի՞նչ պատասխանեց։ Եթե մենք արձակենք բանվորներին, նրանք կստիպեն հեռանալ նաև տեխնիկներին, և մեր հանքահորն էլ թող ջուր լցվի, հերն էլ անիծած։ Ոչ, այս վերջինը, նա, իհարկե, չասաց, բայց այնպես ժպտաց, որ ամեն բան պարզ էր։ Ես մեծ հաճույքով կոլորեի նրա դեղին վիզը, բայց ախր գիտեմ, որ հետևյալ օրը հայտնվելու է մեկ ուրիշը և ավելի շատ պետք է պահանջի։ Այնպես որ, Արրանսոն ստացավ այն, ինչ ուզում էր, բայց ի լրումն այս ամենի, նա, Խուարեսի մոտ նախքան իր ապստամբներին միանալը, հրամայեց տանել մեր երեք հարյուր ջորիներին։ Դա երեսուն հազար դոլլարի վնաս է, և գլխավորը՝ այն բանից հետո, երբ ես նրա աչքին թոզ փչեցի։ Դեղին սրիկայի մեկը...

— Հիմա ո՞վ է ապստամբների առաջնորդը հանքերում։— Հետո Պաոլան լսեց Դիկի հարցը, ընդ որում նրա տոնի մեջ այնպիսի հատու, կտրուկ մի բան կար, որը, ինչպես հայտնի էր կնոջը, հուշում էր, թե նա ի մի հավաքելով ինչ֊որ խճճված գործի թելերը, վճռել է գործել։

— Ռաուլ Բենան։

— Աստիճա՞նը։

— Գնդապետ։ Նրա ձեռքի տակ շուրջ յոթանասուն թափթփուկ կա։

— Առաջ ինչո՞վ է զբաղվել։

— Ոչխարներ է արածացրել։

— Շատ գեղեցիկ,— շարունակեց Դիկը միևնույն կտրուկ տոնով և հաստատակամությամբ։— Դուք ստիպված պետք է խաղաք, ձեզ հայրենասեր ձևացրեք։ Հնարավորին չափ շուտ վերադարձեք։ Սիրաշահեցեք այդ Ռաուլ Բենային։ Նա ձեր խաղին տեղի կտա, հակառակ դեպքում նա մեքսիկացի չէ։ Իսկ դուք, այնուամենայնիվ, սիրաշահեք և խոստացեք, որ նրան գեներալ կդարձնեք, կդարձնեք երկրորդ Վիլյա։

— Աստված իմ, իսկ ինչպե՞ս, ինչպե՞ս անեմ այդ։

— Նրան հինգ հազարանոց բանակի գլուխ կարգեք։ Մեր մարդկանց արձակեք, թող նրանցից վոլոնթականների զորամաս ստեղծի։ Քանի որ Ուերթի գործերն էլ վատացել են, ուրեմն մեզ ոչինչ չի սպառնում։ Նրան համոզեք, որ դուք իսկական հայրենասեր եք։ Մարդկանց հրացաններ տվեք։ Մենք վերջին անգամ մեր քսակները կբացենք, և դուք նրան կապացուցեք ձեր հայրենասիրությունը։ Ամեն մեկին խոստացեք, որ պատերազմից հետո կվերադառնա իր նախկին աշխատանքին։ Թող ձեր օրհնությամբ բանվորները գնան Ռաուլի հետ։ Թողեք այնքան մարդ, որքան անհրաժեշտ է ջուրը քաշելու համար։ Եվ եթե մենք մեկ կամ երկու տարի հրաժարվենք շահույթներից, ապա վնասներ էլ չենք կրի։ Իսկ գուցե և անհրաժեշտ չլինի հանքերը հեղեղել։

Պտուտակաձև սանդուղքով անաղմուկ վերադառնալով երաժշտական սենյակ Պաոլան յուրովի ժպտաց. այդ ամենը որքան ճարտարությամբ մտածեց Դիկը։ Պաոլան վշտացած էր ոչ թե Հարվեսթի ընկերության գործերի ընթացքով (Դիկի կինը դառնալուց ի վեր, հորից ժառանգություն ստացած հանքերում անընդհատ անկարգություններ էին տեղի ունենում), նա վշտացած էր, որ տեղի չունեցավ առավոտյան իրենց տեսակցությունը։ Բայց երբ դարձյալ հանդիպեց Գրեհեմին, որն սպասում էր դաշնամուրի մոտ և, Պաոլային տեսնելով, ուզեց հեռանալ, վատ տրամադրությունը վերացավ։

— Մի՛ փախչեք,— կանգնեցրեց նրան Պաոլան։— Մնացեք ու տեսեք, թե ինչպես են մարդիկ աշխատում. թերևս դա ձեզ վերջապես կստիպի սկսել ձեր գիրքը. Դիկը ինձ ասել է այդ մասին։

Գլուխ XVI

Նախաճաշի ժամանակ Դիկի դեմքին մտահոգության հետք անգամ չկար, ասես Բրեքսթոնը այն մասին էր լուր բերել, որ «Հարվեսթի խումբ» հանքերը անդադար բարգավաճում են։ Վեյլն արդեն մեկնել էր առավոտյան գնացքով. նա, ըստ երևույթին, հասցրել էր Դիկի հետ քննարկել իր գործը ավելի վաղ ժամին, բայց Գրեհեմը սեղանի շուրջը տեսավ ավելի բազմամարդ հասարակություն, քան լինում էր սովորաբար։ Բացի ոմն միսիս Թյուլլիից, ակնոցն աչքերին, տարիքն առած աշխարհիկ, փարթամ մարմնով այդ տիկնոջից (Գրեհեմին չասացին, թե ով է նա), Իվենը տեսավ երեք նոր հյուրերի. կառավարական անասնաբույժ միստր Գելհասսին, ափեզրին բավականին հանրահայտ դիմանկարիչ միստր Դիքոնին և խաղաղօվկիանոսյան շոգենավի նավապետ Լեսթերին, որը քսան տարի առաջ Դիկի զբոսանավի վրա ծառայել էր որպես շքիպեր ու նրան սովորեցրել նավագնացության արվեստը։

Նախաճաշն ավարտվում էր, և Բրեքսթոնն արդեն նայում էր ժամացույցին, երբ Դիկը նրան դիմելով, ասաց.

— Ջերեմի, ես ուզում եմ մի բան ցույց տալ ձեզ։ Մենք հենց հիմա կմեկնենք։ Դուք դեռ կհասնեք գնացքին։

— Այո, այո, մենք էլ կգանք, խմբով,— առաջարկեց Պաոլան։— Ես ինքս էլ այրվում եմ հետաքրքրասիրությունից, որովհետև Դիկը դա գաղտնի էր պահել։

Դիկը գլխով արեց, և Պաոլան կարգադրեց, որպեսզի շուտափույթ նախապատրաստեն ավտոմեքենաներն ու թամբեն ձիերը։

— Այդ ի՞նչ բան է,— հարցրեց Գրեհեմը, երբ Պաոլան կատարեց բոլոր անհրաժեշտ հանձնարարությունները։

— Ահ, Դիկի հոբբիներից մեկը։ Ախր նա միշտ տարվում է որևէ բանով։ Դա մի գյուտ է։ Դիկը երդվում է, որ դա իսկական հեղափոխություն կստեղծի հողագործության ասպարեզում, հատկապես փոքրիկ տնտեսություններում։ Ես գիտեմ, թե ինչումն է կայանում հիմնական գաղափարը, բայց դեռ իրականացված վիճակում չեմ տեսել։ Ամեն բան պատրաստ էր դեռևս մեկ շաբաթ առաջ, ուշացման պատճառը ինչ-որ ճոպան էր կամ դրա պես մի բան։

— Իմ գյուտը բիլիոնների շահույթ կբերի, եթե գործն ընկնի հունի մեջ,— ժպտաց Դիկը, նստելով սեղանի մյուս կողմում։— Բիլիոններ՝ ամբողջ աշխարհի ֆերմերների համար և ինչ-որ տոկոսներ էլ ինձ... եթե, կրկնում եմ, գործը հունի մեջ ընկնի։

— Բայց ի՞նչ բան է դա,— հարցրեց Օ'Հեյը։— Գոմերում երաժշտությո՞ւն է հնչելու, որպեսզի կովերը կաթը հաճույքով տան։

— Յուրաքանչյուր ֆերմերի կմնա միայն հանգիստ նստել իր տան առջև,— բացատրեց Դիկը։— Գյուղատնտեսական մթերքների արտադրանքը կպահանջի ավելի նվազ աշխատանք, քան սննդի ստացումն է լաբորատոր պայմաններում։ Ի դեպ, համբերեք, և ինքներդ կտեսնեք։ Եթե գործը հաջողվի, ձիաբուծության գծով իմ ողջ աշխատանքը կկորչի գրողի ծոցը, քանի որ այդ հայտնագործությունը կփոխարինի ձիու աշխատանքին՝ ցանկացած տասը ակր տարածությամբ տնտեսության մեջ։

Ամբողջ խումբը, ոմանք ավտոմեքենայով, ոմանք ձիով, Մեծ տնից դուրս եկավ և մոտ մեկ մղոն հեռավորության վրա կանգ առավ ցանկապատած դաշտի եզրին, որը, Դիկի ասելով, ճիշտ տասը ակր էր։

— Ահա այդ ֆերման,— ասաց Դիկը,— այստեղ մի մարդ կա միայն, նա նստած է իր տան շեմին, և ձի էլ չունի։ Խնդրում եմ պատկերացրեք և նրան, և տան շեմը։

Դաշտի կենտրոնում դեպի վեր էր խոյանում պողպատյա զանգվածային մի կայմ՝ քսան ֆուտ բարձրությամբ, որը ձգալարերով ամրացված էր հենց գետնի մոտ։ Ձողի ծայրին գտնվող թմբուկից մինչև դաշտի եզրը ձգվում էր բարակ մի ճոպան, որն ամրացված էր բենզինաշարժ փոքրիկ տրակտորի ղեկավարման մեխանիզմին։ Տրակտորի մոտ պտտվում էին երկու մեքենագետ։ Ֆորրեսթի նշանով, նրանք միացրեցին շարժիչը։

— Այ, այստեղ դռան շեմքն է,— ասաց Դիկը։— Պատկերացրեք, որ մենք այն ապագա ֆերմերն ենք, որը նստած է ստվերի տակ ու լրագիր է կարդում, իսկ գութանը իր համար աշխատում է ու աշխատում, չզգալով ոչ ձիու և ոչ էլ մարդու անհրաժեշտություն։

Թմբուկն ինքը, առանց կառավարման, սկսեց փաթաթել մալուխը, մեքենան շրջագծով, կամ, ավելի ճիշտ, պարուրագծով, որի շառավիղը հանդիսանում էր տրակտորը պողպատե կայմի թմբուկի հետ կապող ճոպանի երկարությունը, սկսեց շարժվել, իր հետևից թողնելով խոր ակոսներ։

— Ինչպես տեսնում եք, ոչինչ պետք չէ. ոչ ձի, ոչ ձիապան, ոչ էլ հերկող։ Պարզապես ֆերմերը ընթացքի մեջ է դնում տրակտորը,— դարձյալ սկսեց Դիկը, իսկ այդ ընթացքում մեքենան շարունակում էր շրջել դարչնագույն հողի շերտերը, ավելի ու ավելի փոքր շրջաններ գծելով։— Կարելի է հերկել, տափանել, ցանել, պարարտացնել, հնձել սեփական տան շեմքին նստած։ Իսկ այնտեղ, որտեղ հոսանքը էլեկտրակայանն է տալու, ֆերմերը կամ նրա կինը պետք է միայն սեղմեն կոճակը, և նա կարող է նորից ձեռքն առնել լրագիրը, իսկ կինը կշարունակի կարկանդակ թխել։

— Դուք պետք է հիմա մի պատուհան սարքեք, վերջնականապես կատարելագործած լինելու համար,— ասաց Գրեհեմը,— դրա շնորհիվ մեքենայի գծած շրջագիծը կփոխվի քառակուսու։

— Այո,— համաձայնեց Գելհասսը,— այսպիսի սիստեմի դեպքում քառակուսի դաշտի մի մասը կորչում է։

Գրեհեմը, ըստ երևույթին, մտքում ինչ֊որ հաշվարկներ կատարեց, հետո ասաց.

— Յուրաքանչյուր տասից կորչում է մոտ երեք ակր հող։

— Երեքից ոչ պակաս,— համաձայնեց Դիկը։— Բայց չէ՞ որ այդ տասը ակրի վրա էլ տեղ պետք է լինի ֆերմերի շեմքը, այսինքն՝ տունը, թռչնանոցը, մարագը և մյուս տնտեսական շինությունները տեղավորելու համար։ Այնպես որ, հին ձևով այդ ամենը անպայման տասը ակրի կենտրոնում մի տեղ դնելու փոխարեն թող շինությունները տեղավորի մնացյալ երեք ակրում։ Թող դաշտի եզրերին պտղատու ծառեր ու հատապտղի թփեր տնկի։ Եթե լավ մտածենք, ապա տունը դաշտի մեջտեղում կառուցելու հին սովորությունը մեծ բացեր ունի. ստիպված են լինում հերկել այնպիսի մակերես, որն իրենից ներկայացնում է անկանոն ուղղանկյուննիների մի շարք։

Միստր Գելհասսը ջանասիրաբար գլխով արեց։

— Անտարակույս։ Բայց հաշվեք տնից մինչև խճուղին ընկած ճանապարհը։ Իսկ եթե սայլի ճանապարհ էլ կա՝ հողի մի մասն էլ է կորչում... Այս ամենը դաշտը մանրացնում, դարձնում է մի շարք փոքրիկ ուղղանկյունիներ, և դա բնավ շահավետ չէ։

— Այ եթե նավագնացությունն էլ լիներ նույնքան ինքնաշարժ,— նկատեց նավապետ Լեսթերը։

— Կամ դիմանկարներ անելը,— ծիծաղեց Ռիտա Ուեյնռայթը՝ Դիքոնի վրա խորամանկ մի հայացք նետելով։

— Կամ երաժշտական քննադատությունը,— ավելացրեց Լյութը առանց որևէ մեկին նայելու։

Իսկ Օ'հեյն անմիջապես ավելացրեց.

— Կամ հիասքանչ կին լինելու արվեստը։

— Այսպիսի մեքենա պատրաստելը որքա՞ն է նստում,— հարցրեց Ջերեմի Բրեքսթոնը։

— Հիմա սա մեզ վրա նստում է, այն էլ օգուտով, հինգ հարյուր դոլլար։ Իսկ եթե սկսեն շահագործել ու սկսվի սերիական արտադրությունը, ապա կարելի է ասել՝ երեք հարյուր։ Բայց ենթադրենք, որ հինգ հարյուր է արժենում։ Տասնհինգական տոկոսով մարելու դեպքում ֆերմերի վրա այն կնստի տարեկան յոթանասուն դոլլար։ Իսկ տասը ակր երկու հարյուր դոլլարանոց հող ունեցող այդ ո՞ր ֆերմերը կկարողանա տարեկան յոթանասուն դոլլարով ձի պահել։ Բացի այդ, տրակտորը խնայում է նրա աշխատանքը, լինի իրենը, թե ուրիշի, նույնիսկ ամենախղճուկ աշխատավարձի դեպքում դա տարեկան տալիս է, համենայն դեպս, երկու հարյուր դոլլար։

— Բայց ի՞նչն է ուղղություն տալիս մեքենային,— հարցրեց Ռիտան։

— Կայմի վրայի թմբուկը։ Թմբուկի մեխանիզմը հաշվված է շառավղի բոլոր փոփոխությունների համար։ Պատկերացնո՞ւմ եք, թե որքան բարդ հաշվարկներ են անհրաժեշտ եղել։ Նա պտտվում է իր առանցքի շուրջը, ճոպանը փաթաթվում է թմբուկի վրա և տրակտորին ձգում դեպի կենտրոն։

— Նույնիսկ մանր ֆերմերները բազմաթիվ առարկություններ են բերում, այսպիսի գութանի ներդրման դեմ,— ասաց Գելհասսը։

Դիկը գլխով արեց.

— Ես գրանցել եմ շուրջ քառասուն այդպիսի առարկություններ և տեղաբաշխել ըստ կարգի։ Նույնքան էլ առարկություն կա մեքենայի հասցեին։ Եթե սա նույնիսկ հաջող գյուտարարություն է, ապա դեռ երկար ժամանակ կպահանջվի կատարելագործման ու ընդհանուր շահագործման հանձնելու համար։

Գրեհեմի ուշադրությունը բաժանվել էր երկու մասի, նա մերթ նայում էր աշխատող տրակտորին, մերթ էլ ծածուկ հետևում էր Պաոլային, որն իր ձիու հետ մի սքանչելի տեսարան էր հանդիսանում։ Պաոլան առաջին անգամ հեծել էր Եղնիկին, որը նրա համար վարժեցրել էր Հեննեսին։ Գրեհեմը ժպտաց, ծածուկ խրախուսելով նրա կանացի հոտառության նրբությունը. վաղօրո՞ք էր արդյոք Պաոլան նախապատրաստել հատկապես այդ ձիուն սազող կոստյումը, թե՞ ուղղակի հագել էր ձեռքի տակ եղած առավել համապատասխան զգեստ, սակայն արդյունքը փայլուն էր ստացվել։

Շոգ օր էր, և սովորական ամազոնկայի փոխարեն հագել էր կարմրաշեկ մի բլուզ՝ ետ ծալվող ճերմակ օձիքով։ Ձիով զբոսանքների համար կարճ ու հարմար փեշը հասնում էր մինչև ծնկները, և հենց ծնկներից էլ մինչև խթաններով, փոքրիկ, բաց գույնի կոշիկներ հագած նրա ոտքերին ձգված էր ռեյտուզը։ Փեշն ու ռեյտուզը ոսկե-շիկավուն թավշից էր կարված։ Փափուկ ձեռնոցները իրենց ճերմակությամբ մրցում էին օձիքի հետ։ Պաոլան առանց գլխարկի էր, մազերը սանրված ու ականջների տակից հավաքված էին ծոծրակի վրա փարթամ մի կապով։

— Ես չեմ հասկանում, թե ինչպես է ձեզ հաջողվում պահպանել մաշկի ճերմակությունը այսպիսի բարկ արևի տակ,— համարձակվեց նկատել Գրեհեմը։

— Իսկ ես մաշկս արևին չեմ էլ պահում,— ատամները փայլեցնելով ժպտաց Պաոլան։— Տարեկան մի քանի անգամ միայն։ Շատ եմ հավանում, երբ մազերս մի փոքր խանձվում և դառնում են ոսկեգույն, բայց ուժեղ արևայրուքից զգուշանում եմ։

Ձիերն անհանգիստ էին. քամու թեթև շունչը մի կողմ քշեց Պաոլայի փեշը՝ բացահայտելով ռեյտուզ հագած կլորիկ ծունկը։ Նայելով այդ ծնկին, որն ամուր սեղմված էր խոզի կաշվից պատրաստված, հեծյալի կոստյումին ու ձիուն համապատասխան բաց գույնի անգլիական թամբին, Գրեհեմը իր երևակայության մեջ դարձյալ տեսավ, թե ինչպես ճերմակ, կլորիկ ծունկը սեղմվում է ընկղմվող Լեռնցու մետաքսանման կողին։

Երբ տրակտորի մագնետոն սկսեց աշխատել ընդհատումներով, և մեքենագետները դարձյալ սկսեցին քչփորել մեքենան կիսով չափ վարած դաշտում, ողջ խումբը, Դիկին թողնելով իր գյուտարարության հետ, որոշեց ավազանի ճանապարհին, Պաոլայի առաջնորդությամբ աչքի անցկացնել անասուններին։ Խոզապահ Քրելլին նրանց ցույց տվեց Լեդի Այլթոնին ու նրա տասնմեկ աներևակայելի գեր խոճկորներին, որոնք ջերմ գովասանքի արժանացան, իսկ ինքը հուզված կրկնում էր. «Ախր բոլորն էլ նման են իրար։ Բոլորը»։ Դրանից հետո նրանք բազմաթիվ հիանալի, լավագույն բերքշիրյան ու դյուրոք-ջերսեյ ցեղի խոզամայրեր էլ տեսան, ինչպես նաև նորածին ուլերի, այնպես որ նրանց աչքերը շաղվեցին։ Պաոլան նախօրոք հեռախոսով զգուշացրել էր անասնապահներին։ Միստր Մենսոն, վերջապես, կարող է հպարտանալ նշանավոր Պոլո Արքա ցլով. հյուրերը հիացան նաև այդ ցլի կարճեղջյուր, լայնակող կովերի հարեմով, ինչպես և մյուս ցլերի հարեմներով, որոնք շատ քիչ էին զիջում Պոլո Արքային։ Փարկմենն ու նրա օգնականները, որոնք զբաղվում էին ջերսեյական անասուններով, ցույց տվեցին Վիշապին, Ոսկի Ջոլլիին, Վերսալին, Օքսֆորդցուն, որոնք բոլորն էլ մրցանակ շահած ցեղերի հիմնադիրներ էին կամ սերունդներ, ցույց տվեցին նաև դրանց ընկերուհիներին՝ Վարդերի Թագուհուն, Ազնվազարմ Տիկնոջը, Ջոլլիի Սիրուհուն, Օլգայի հպարտությանը և Մեյթլենդցի Գերտային։ Հետո ձիաբույծը նրանց տարավ ցույց տալու Լեռնցու գլխավորությամբ սքանչելի հովատակների երամակը և բազմաթիվ զամբիկների Ֆոզրինգթոնյան Արքայադստեր գլխավորությամբ, որն հատկապես աչքի էր ընկնում իր արծաթյա խրխինջով։ Դուրս բերեցին նույնիսկ սրա մորը՝ Բեսսիին, որին այժմ միայն թեթև աշխատանքների էին հանում, որպեսզի հյուրերը կարողանան գնահատել այնքան նշանավոր անձի, ինչպիսին Արքայադուստրն էր։

Մոտ ժամը չորսին Դոնալդ Ուեյրը, որը լողալու հետ գլուխ չուներ, մեքենաներից մեկով վերադարձավ կալվածատուն, իսկ Գրեհեմը մնաց Մենդենհոլլի հետ՝ ձիերի տարբեր ցեղերի մասին զրուցելու համար։ Դիկը մյուսներին սպասում էր ավազանի մոտ, իսկ օրիորդները անմիջապես պահանջեցին, որպեսզի նա կատարի նոր երգը։

— Դա այնքան էլ նոր երգ չէ,— բացատրեց Դիկը, և նրա մոխրագույն աչքերը խորամանկորեն փայլեցին,— և ոչ էլ ես եմ հեղինակը։ Այդ երգը երգել են ճապոնիայում, երբ ես դեռ չէի ծնվել, և, անտարակույս, երբ դեռ Ամերիկան էլ չէր հայտնաբերված։ Սա զուգերգ է և, բացի այդ, նաև գրավախաղ։ Պաոլան պետք է երգի ինձ հետ։ Ես հիմա բոլորիդ կսովորեցնեմ։ Դու այստեղ նստիր... լավ է։ Իսկ դուք շրջան կազմեք և նույնպես նստեք։

Պաոլան, հեծյալի իր զգեստներով, նստեց շրջանի կենտրոնում, Դիկի դիմաց։ Ամուսնու հրահանգով, նա, կրկնելով Դիկի շարժումները, սկզբում ափերով հարվածեց ծնկներին, հետո ծափ տվեց, հետո ափերը խփեց նրա ափերին, ճիշտ այնպես, ինչպես մանկական խաղի ժամանակ։ Հետո Դիկը երգեց մի շատ կարճ երգ, և Պաոլան անմիջապես ձայնակցեց ու շարունակեց երգել նրա հետհ ռիթմիկ ծափ տալով։ Երգի մեղեդին արևելյան էր՝ ձգված ու միապաղաղ, բայց ինչ-որ կրքոտ բան ուներ, որն ակամա հրապուրում էր ունկնդիրներին.

Չոնգ-Քինա, Չոնգ-Քինա,
Չոնգ-Քինա, Չոնգ-Քինա,
Յո-կո-համ-ա, Նագ-ա-սակ-ի,
Կո-բեմ-ար-ո — Հո՛յ։

Վերջին վանկը՝ «Հո՛յ», Ֆորրեսթը հանկարծակի գոչեց մի օկտավ բարձր, և այդ բացականչության հետ միաժամանակ Պաոլան ու Դիկը պետք է իրար պարզեին բռունցք կազմած կամ ափերը բաց ձեռքերը։ Խաղի էությունը կայանում էր նրանում, որ Պաոլայի ձեռքերը ակնթարթային արագությամբ պետք է կրկնեին Դիկի շարժումները. առաջին անգամ այդ բանը հաջողվեց Պաոլային, և երկուսի ձեռքերն էլ բռունցք էին կազմած։ Դիկը գլխարկը հանեց ու նետեց Լյութի գոգը։

— Իմ գրավն է,— բացատրեց նա։— Պաոլա, եկ մի անգամ էլ փորձենք։

Եվ նրանք դարձյալ ծափ տալով երգեցին.

Չոնգ-Քինա, Չոնգ-Քինա,
Չոնգ-Քինա, Չոնգ-Քինա,
Յո-կո-համ-ա, Նագ-ա-սակ-ի,
Կո-բեմ-ար-ո — Հո՛յ։

Բայց այս անգամ «Հո՛յ» բացականչության ժամանակ Պաոլայի ձեռքերը բռունցք էին կազմել, իսկ Դիկինը բաց էին։

— Գրա՜վ։ Գրա՛՜վ,— գոչեցին օրիորդները։

Պաոլան շփոթված մի հայացք նետեց իր հագուստի վրա.

— Ի՞նչ տամ։

— Վարսակալը,— խորհուրդ տվեց Դիկը, և Լյութի գոգին հայտնվեց կրիայի զրահից պատրաստած վարսակալը։

— Ա՜յ քեզ բան,— բացականչեց Պաոլան, տանուլ տալով յոթերորդ անգամ, և Լյութին հանձնելով վերջին վարսակալը։— Չեմ հասկանում, թե ինչու եմ այդքան անշնորհք ու հիմար։ Իսկ դու, Դիկ, շա՜տ խորամանկն ես։ Ոչ մի կերպ չեմ կարողանում գուշակել, թե ինչ ես ուզում անել։

Եվ նրանք նորից երգեցին։ Պաոլան դարձյալ տանուլ տվեց ու որպես պատասխան միսիս Թյուլլիի «Պաոլա՜» կշտամբանքով լի բացականչության, հանձնեց խթաններից մեկը և խոստացավ կոշիկն էլ հանել, եթե երկրորդ խթանն էլ տանուլ տա։ Դիկը իրար վրա պարտվեց երեք անգամ և տվեց ժամացույցն ու խթանները։ Հետո էլ Պաոլան տանուլ տվեց իր ժամացույցն ու երկրորդ խթանը։

— Չոնգ-Քինա, Չոնգ-Քինա...— դարձյալ սկսեցին նրանք, չնայած միսիս Թյուլլիի հորդորներին։

— Բավական է, Պաոլա, վերջ տուր։ Դիկ, իսկ ինչպես չեք ամաչում դուք։

Բայց Դիկը գոչելով հաղթական «Հոյ»֊ը, դարձյալ շահեց, և ընդհանուր ծիծաղի մեջ, Պաոլայի ոտքից հանեց կոշիկներից մեկն ու նետեց Լյութի գոգին հավաքված իրերի ընդհանուր կույտի մեջ։

— Ամեն բան կարգին է, հորաքույր Մարթա,— միսիս Թյուլլիին հանգստացրեց Պաոլան։— Միստր Ուեյրն այստեղ չէ, իսկ նա միակ մարդն է, որին կարող է այս ամենը ցնցում պատճառել։ Դե, շարունակենք, Դիկ։ Դու հո անընդհատ չե՜ս շահելու։

— Ջոնգ-Քինա, Չոնգ-Քինա,— երգեց նա ամուսնու հետ։

Սկսելով շատ դանդաղ նրանք ավելի ու ավելի արագացրին տեմպը, և վերջում բառերն արտասանում էին այնպիսի արագությամբ, որ գրեթե շնչակտուր էին լինում, իսկ իրար ափերին հարվածելը թվում էր անվերջանալի։ Արևից, շարժումից և մոլուցքից Պաոլայի դեմքը վարդագունել էր։

Այս ամենին լուռ նայող Իվեն Գրեհեմը հուզված և խոցված էր։ Անցյալում նա տեսել էր, թե ինչպես են այս խաղը խաղում Նիպպոնի թեյատների գեյշաները, ու, թեև Մեծ Տանը նախապաշարումներ չկային, նրան շփոթեցնում էր, որ Պաոլան մասնակցում է այդպիսի խաղի։ Նրա մտքովն իսկ չէր անցնում, որ եթե Պաոլայի փոխարեն լինեին Լյութը, Ռիտան կամ Էրնեստինան, նա հետաքրքրասիրությամբ կդիտեր, թե մինչև ուր կարող է հասնել խաղացողների մոլուցքը։ Հետո, ավելի ուշ միայն Գրեհեմը հասկացավ, թե զայրացած էր լոկ այն պատճառով, որ խաղին մասնակցում էր Պաոլան, և որ Պաոլան, ըստ երևույթին, իր հոգում գրավում է ավելի մեծ տեղ, քան նա կարծում էր։

Իսկ այդ ընթացքում գրավների կույտի վրա ավելացան Դիկի ծխախոտատուփն ու լուցկին, ինչպես նաև Պաոլայի մյուս կոշիկը, գոտին, քորոցն ու նշանի մատանին։ Միսիս Թյուլլիի դեմքն արտահայտում էր ստոիկյան հնազանդություն. նա լուռ էր։

— Չոնգ-Քինա, Չոնգ-Քինա,— ուրախ շարունակում էր երգել Պաոլան։

Եվ Գրեհեմը լսեց, թե ինչպես Էրնեստինան, փռթկացնելով, շշնջաց Բերթի ականջին.

— Չեմ կարողանում պատկերացնել, թե նա ուրիշ ինչ կարող է տալ։

— Դե, դուք ճանաչում եք նրան,— լսեց նա Բերթի պատասխանը։— Պաոլան ամեն բանի ընդունակ է, եթե մոլուցքի մեջ է ընկնում, իսկ նա, հիմա, ինչպես երևում է, մոլուցքի մեջ է։

— Հո՜յ,— միասին գոչեցին Դիկն ու Պաոլան՝ առաջ պարզելով ձեռքերը։

Բայց Դիկի բռունցքները սեղմված էին, իսկ Պաոլայի ափերը՝ բաց։ Գրեհեմը տեսավ, որ Պաոլան շուրջն է նայում՝ իզուր որոնելով, թե ուրիշ ինչ կարող է տալ որպես գրավ։

— Հապա՛, Լեդի Գոդիվա՞,— իշխանաբար ասաց Դիկը։— Երգեցիք, պարեցիք, իսկ այժմ վճարեցեք։

«Խենթացե՞լ է, ինչ է,— մտածեց Գրեհեմը։— Մի՞թե կարելի է, այն էլ այդպիսի կնոջ հետ»։

— Ի՜նչ արած,— հառաչեց Պաոլան, մատները շարժելով բլուզի կոճակների վրա,— ստիպված եմ։

Հազիվ զսպելով իր կատաղությունը՝ Գրեհեմը շրջվեց, ջանալով չնայել։ Լռություն տիրեց. երևի ամեն ոք գուշակում էր, թե ինչ է լինելու հետո։ Հանկարծ Էրնեստինան փռթկացրեց, լսվեց ընդհանուր ծիծաղն ու Բերթի բացականչությունը. «Դուք նախօրոք պայմանավորվել էիք»։ Այս ամենը Գրեհեմին, վերջապես, ստիպեց շրջվել։ Նա մի թռուցիկ հայանք նետեց Պաոլայի վրա։ Կինն արդեն հանել էր բլուզը, բայց պարզվեց, որ տակը լողազգեստն է։ Պաոլան, անկասկած, լողազգեստ էր հագել հագուստի տակից, նախքան ձիով զբոսանքի դուրս գալը։

— Այժմ քո հերթն է, Լյութ, մոտ եկ,— հայտարարեց Դիկը։

Բայց «Չոնք-Քինա» խաղին չնախապատրաստված Լյութը շփոթվեց ու օրիորդներին տարավ խցիկ։

Գրեհեմը դարձյալ հիացմունքով հետևեց, թե ինչպես Պաոլան, բարձրանալով քառասուն ֆուտ բարձրությամբ հարթակի վրա, անկրկնելի գեղեցկությամբ ու վարպետությամբ ծիծեռնակաձև թռիչքով սուզվեց ավազանի մեջ. դարձյալ լսեց Բերթի հիացական բացականչությունը• «Իսկական Աննեթա Քելլերմանն է», և, դեռևս բարկացած իր հետ խաղացած կատակի վրա, դարձյալ մտորեց Մեծ տան փոքրիկ տիրուհու, այդ զարմանալի կնոջ և այն մասին, թե ինչու է նա այդքան զարմանալի։ Ու երբ Գրեհեմը, աչքերը առանց փակելու, դանդաղորեն լողաց ջրի տակով դեպի ավազանի մյուս ծայրը, նրա մտքովն անցավ, որ ինքը, ըստ էության, ոչինչ չգիտե նրա մասին։ Դիկ Ֆորրեսթի կինն է, ահավասիկ այն ամենը, ինչ հայտնի էր նրան։ Որտե՞ղ է ծնվել, ինչպե՞ս է ապրել, ինչպիսի՞ն է եղել այդ կնոջ անցյալը,— այս ամենի մասին նա միայն կարող էր գուշակել։ Էրնեստինան ասել էր, որ ինքն ու Լյութը Պաոլայի քույրացուներն են. դա, իհարկե, ինչ֊որ բան էր արդեն։

Նկատելով, որ հատակն սկսեց լուսավորվել (մի նշան, որ մոտենում է ավազանի եզրին), Գրեհեմը տեսավ ջրի տակ իրար հետ մարտնչող Դիկի ու Բերթի միահյուսված ոտքերը, շրջվեց ու մի քանի ֆուտ էլ լողաց, առանց դուրս գալու։

Եվ սկսեց մտածել այդ միսիս Թյուլլիի մասին, որին Պաոլան անվանում է հորաքույր Մարթա։ Իսկապե՞ս նա Պաոլայի հորաքույրն է, թե՞ Պաոլան քաղաքավարությունից դրդված է այդպես անվանում։ Գուցե նա Լյութի և Էրնեստինայի հորաքո՞ւյրն է։

Նա դուրս լողաց, և անմիջապես կանչեցին մուկն ու կատու խաղալու։ Այդ աշխույժ խաղի ժամանակ, որը տևեց մոտ կես ժամ, նա բազմիցս առիթ ունեցավ հիանալու այն թեթևությամր, ճարպկությամբ և խելացիությամբ, որպիսին ցուցաբերեց Պաոլան։ Վերջապես, խաղացողների շրջանը ցրվեց, և նրանք, շնչակտուր, լողացին ավազանով մեկ, դուրս եկան ափ ու նստեցին արևի տակ, միսիս Թյուլլիի մոտ։

Շուտով նորից սկսվեցին կատակներն ու չարաճճիությունները՝ Պաոլան համառ վեճի բռնվեց միսիս Թյոււլիի հետ, պնդելով բացահայտ անհեթեթություններ։

— Ոչ, հորաքույր Մարթա, դուք այդ բանն ասում եք լոկ այն պատճառով, որ լողալ չեք իմանում։ Իսկ ես իսկական լողորդ եմ և հավատացնում եմ ձեզ, որ, ուզո՞ւմ եք, կսուզվեմ ավազանն ու ջրի տակ կմնամ տասը րոպե շարունակ։

— Հիմարություններ են, զավակս,— առարկեց միսիս Թյուլլին։— Քո հայրը, երբ երիտասարդ էր, շատ ավելի երիտասարդ, քան դու ես, կարող էր ջրի տակ մնալ ուզածդ լողորդից ավելի երկար, և այնուամենայնիվ նրա ռեկորդը, որքանով հայտնի է ինձ, երեք րոպե քառասուն վայրկյան էր։ Եվ դա շատ լավ գիտեմ, քանի որ ինքս եմ հետևել ժամացույցին, երբ նա գրազ էր եկել Հարրի Սելբիի հետ և շահեց այդ գրազը։

— Օհ, ես գիտեմ, թե ինչպիսի մարդ է եղել հայրս,— ասաց Պաոլան,— բայց ժամանակները փոխվել են։ Եթե սիրելի հայրիկս հիմա լիներ իր պատանեկան ուժերի ծաղկման շրջանում և փորձեր ջրի տակ մնալ այնքան ժամանակ, որքան ես, երևի չդիմանար։ Տասը րոպե՞։ Իհարկե, ես կարող եմ մնալ տասը րոպե։ Եվ կմնամ։ Իսկ դուք, հորաքույր Մարթա, վերցրեք ժամացույցն ու հետևեք։ Դա նույնքան դյուրին բան է, որքան...

— Ձկնարանից ձուկ որսալը,— հուշեց Դիկը։

Պաոլան բարձրացավ իր աշտարակը։

— Ժամանակը, երբ ես թռչեմ,— ասաց նա։

— Մեկուկես շրջան կատարիր,— գոչեց Դիկը։

Պաոլան գլխով արեց, ժպտաց ու ձևացրեց, թե հնարավորին չափ օդ է հավաքում թոքերի մեջ։ Գրեհեմը հիացմունքով էր հետևում նրան։ Նա ինքն էլ հիանալի լողորդ էր, բայց հազվադեպ էր վիճակվել տեսնել, որ կինը, այն էլ ոչ պրոֆեսիոնալ լողորդ լինելով, վճռեր մեկուկես շրջան կատարել։ Կանաչաերկնագույն մետաքսե թրջված լողազգեստը ամուր գրկել էր Պաոլայի իրանը, ընդգծելով նրա բարեկազմ ու անթերի մարմինը։ Ձևացնելով, թե մինչև վերջին խորանարդ դյույմը օդով է լցրել իր թոքերը՝ Պաոլան նետվեց ցած։ Ոտքերը սեղմել ով ու ձգվելով՝ նա հրեց տրամպլինի եզրն ու արդեն օդում գունդուկծիկ եղավ, մի անգամ շրջվեց, հետո դարձյալ ձգվեց ու, ընդունելով նախկին իդեալական ճիշտ դրությունը, գրեթե անշշուկ մխրճվեց ջրի մեջ։ «Պողպատյա դաշույնը մեծ աղմուկով կսուզվեր»,— մտածեց Գրեհեմը։

— Եթե կարողանայի՜ այդպես սուզվել,— հառաչելով ասաց Էրնեստինան։— Բայց դա երբեք չի լինի։ Դիկն ասում է, որ գաղտնիքր ռիթմի մեջ է, բոլոր շարժումների համաձայնության մեջ, ահա թե ինչու է Պաոլան այդքան հիանալի սուզվում։ Նա զարմանալիորեն ռիթմիկ է...

— Գաղտնիքը ոչ միայն ռիթմի, այլև ինքն իրեն ազատորեն շարժմանը տրվելու մեջ է,— ասաց Գրեհեմը։

— Գիտակցված տրվելու մեջ,— նկատեց Դիկը։

— Եվ մկանները թուլացնելու կարողության մեջ,— ավելացրեց Գրեհեմը։— Ես չեմ տեսել, որ նույնիսկ պրոֆեսիոնալ լողորդը մեկուկես շրջան կատարի այդպես։

— Իսկ ես դրանով ավելի շատ եմ հպարտանում, քան ինքը,— ասաց Դիկը։— Բանն այն է, որ ես եմ նրան սովորեցրել սուզվել, թեև, պետք է խոստովանեմ, որ նա շատ ընդունակ աշակերտուհի է։ Շարժումների հիանալի կոորդինացում ունի։ Եվ դա՝ կամքի ու ժամանակի զգացողության հետ միաժամանակ... Մի խոսքով, հենց առաջին նրա փորձը ավելի քան հաջող էր։

— Ապրի Պաոլան,— հպարտությամբ ասաց միսիս Թյուլլին, հայացքը ժամացույցի սլաքից փոխելով դեպի ավազանի հանդարտ մակերևույթը։— Կանայք սովորաբար տղամարդկանցից վատ են լողում։ Պաոլան բացառություն է... Երեք րոպե քառասուն վայրկյան... Նա հորից էլ անցավ։

— Բայց հինգ րոպե չի դիմանա, առավել ևս՝ տասը րոպե...— մռայլադեմ ասաց Դիկը։— Շնչահեղձ կլինի։

Երբ անցավ չորս րոպե, միսիս Թյուլլին, ըստ երևույթին, սկսեց տագնապել, և նրա հայացքը շվարած սկսեց սահել ներկաների դեմքերով։ Ավազանի գաղտնիքից անտեղյակ նավապետ Լեսթերը անեծքներով ոտքի թռավ ու նետվեց ջուրը։

— Նրան ինչ-որ բան է պատահել,— բռնազբոսիկ հանգստությամբ ասաց միսիս Թյուլլին։— Գուցե սուզվելիս վնասվե՞լ է։ Տղամարդիկ, որոնեցեք նրան...

Գրեհեմը, Բերթն ու Դիկը, հանդիպելով ջրի տակ, ծիծաղեցին ու իրար ձեռք սեղմեցին։ Դիկը նրանց նշան արեց ու լողաց դեպի ավազանի ստվերոտ կողմը, դեպի խորշը, որտեղ գտան ջրի մեջ կանգնած Պաոլային։ Մի առ ժամանակ չորսով շշնշում ու ծիծաղում էին։

— Մենք ուզեցինք համոզվել, որ քեզ ոչինչ չի պատահել,— բացատրեց Դիկը։— Իսկ այժմ՝ ետ դառնանք... Նախ՝ դուք, Բերթ, իսկ ես Իվենից հետո։

Մեկը մյուսի հետևից նրանք սուզվեցին մութ ջրի մեջ և հայտնվեցին ավազանի մակերեսին։

Միսիս Թյուլլին արդեն վեր էր կացել ու կանգնել ավազանի եզրին։

— Եթե սա ձեր հերթական կատակներից մեկն է, Դիկ...— սկսեց նա։

Բայց Դիկը, ոչ մի ուշադրություն չդարձնելով նրա խոսքերին, անբնական հանգիստ տոնով և բավականին բարձր, որպեսզի նա լսի, խոսեց.

— Բարեկամներ, մենք պետք է հանգամանորեն գործենք,— դիմեց նա ընկերներին։— Դուք, Բերթ, և դուք, Իվեն, հետևեցեք ինձ։ Կսկսենք ավազանի այս ծայրից, կլողանք բոլորս միասին, իրարից հինգական ֆուտ հեռավորության վրա, և կզննենք հատակը։ Իսկ հետո ետ կդառնանք և նույն բանը կկրկնենք մի անգամ ևս։

— Նեղություն մի՛ կրեք, ջենտլմեններ,— ձայն տվեց նրանց միսիս Թյուլլին, հանկարծ ծիծաղելով։— Իսկ դուք, Դիկ, հապա այս կողմ եկեք։ Ես պետք է քաշեմ ձեր ականջները։

— Զբաղվեցեք նրանով, աղջիկներ,— գոչեց Դիկը,— հիստերիկայի մեջ է ընկել։

— Դեռ ոչ, բայց կընկնեմ,— շարունակեց նա ծիծաղելով։

— Գրողը տանի, տիկին, ի՞նչ եք գտել ծիծաղելու։— Նավապետ Լեսթերը ծանր շնչելով դուրս լողաց. նա մտադիր էր դարձյալ սուզվել, որպեսզի շարունակի որոնումները։

— Դուք գիտե՞ք, թե բանն ինչումն է, հորաքույր Մարթա։ Գիտե՞ք,— հարցրեց Դիկը, երբ խիզախ նավապետն անհետացավ ջրի տակ։

Միսիս Թյուլլին գլխով արեց։

— Միայն թե լռեցեք, Դիկ։ Մի հոգու, այնուամենայնիվ, մենք կարողացանք խաբել։ Իսկ ես այդ մասին գիտեմ Էլսի Քոգլանի մայրիկից, նրան հանդիպել եմ անցյալ տարի, Հոնոլոլլուում։

Տասնմեկ րոպեն անցնելուց հետո միայն ժպտադեմ Պաոլան հայտնվեց ավազանի մակերևույթին։ Ձևացնելով, թե բոլորովին ուժասպառ է եղել, նա դժվարությամբ դուրս եկավ ափ ու խոնջացած նստեց հորաքրոջ կողքին։ Նավապետ Լեսթերը, որն իսկապես տանջվել էր անարդյունք որոնումներից, ուշադրությամբ նայեց Պաոլային, հետո մոտեցավ քիչ հեռու գտնվող սյունին ու երեք անգամ գլուխը խփեց նրան։

— Վախենում եմ, թե տասը րոպեն դեռ չի անցել,— ասաց Պաոլան։— Բայց ես ախր ջրի տակ մոտավորապես այդքան ժամանակ մնացի, չէ՞։ Ճի՞շտ է, հորաքույր Մարթա։

— Դու ջրի տակ գրեթե չես եղել,— լսվեց պատւսսխանը,— եթե ուզում ես իմանալ իմ կարծիքը։ Նույնիսկ զարմանում եմ, որ թրջված ես... Այո, այո, շնչիր սովորականի պես, զավակս։ Իզուր ես խաղեր սարքում։ Հիշում եմ, երբ երիտասարդ աղջիկ էի ու ճանապարհորդում էի Հնդկաստանում, այնտեղ հանդիպեցի հատուկ աղանդի պատկանող ֆաքիրների, որոնք սուզվում էին խոր ջրհորների մեջ ու մնում էին այնտեղ շատ ավելի երկար, քան դու, ազնիվ խոսք, ավելի երկար էին մնում։

— Դուք գիտեի՞ք,— բացականչեց Պաոլան։

— Բայց դու չգիտեիր, որ ես գիտեմ,— առարկեց հորաքույրը։— Եվ քո արարմունքը ուղղակի հանցանք է իմ տարիքի և իմ սրտի նկատմամբ։

— Եվ ձեր զարմանալի պարզամտության ու գլխի չընկնելու նկատմամբ, ճի՞շտ է,— ավելացրեց Պաոլան։

— Ազնիվ խոսք, ուզում եմ քաշել ձեր ականջները։

— Իսկ ես ուզում եմ ձեզ գրկել, թեև թաց եմ,— ծիծաղեց Պաոլան որպես պատասխան։— Համենայն դեպս, մենք կարողացանք խաբել նավապետ Լեսթերին... ճի՞շտ է, նավապետ։

— Մի՛ խոսեք ինձ հետ,— մռայլադեմ ասաց խիզախ ծովայինը։— Ես զբաղված եմ, ես պետք է մտմտամ իմ վրեժը... Իսկ ինչ վերաբերում է ձեզ, միստր Ֆորրեսթ, ապա դեռ չգիտեմ, թե ինչ պետք է վճռեմ. պայթեցնե՞լ ձեր անասնանոցը, թե՞ կտրել ձեր Լեռնցու ծնկատակի ջլերը, թերևս՝ և՛ մեկը, և՛ մյուսը։ Իսկ առայժմ ես գնամ ու քացի տամ այն հովատակին, որին դուք հեծել էիք։

Քմահաճին հեծած Դիկը և Պաոլան՝ Եղնիկին նստած, տուն էին վերադառնում կողք-կողքի։

— Հավանո՞ւմ ես Գրեհեմին,— հարցրեց Դիկը։

— Նա հիանալի մարդ է,— պատասխանեց Պաոլան։— Քո տիպի մարդ է, Դիկ։ Նա նույնքան բազմակողմանի անձնավորություն է, որքան և դու, իր վրա կրում է նույն այդ ծովային թափառումների կնիքը, նույն սերը գրքերի նկատմամբ և այլն։ Բացի այդ, նա նկարիչ է, ասենք, ընդհանրապես լավ մարդ է։ Փառահեղ տղա է, կատակասեր... Իսկ դու նկատե՞լ ես նրա ժպիտը։ Հմայիչ ժպիտ է։ Մարդ ուզում է ինքն էլ ժպտալ ի պատասխան։

— Այո, բայց խոր սպիներ ու կնճիռներ էլ ունի...— նկատեց Դիկը։

— Հատկապես աչքերի անկյուններում, երբ նա ժպտում է։ Դրանք ոչ թե հոգնածության, այլ ավելի շուտ միշտ անպատասխան մնացած «Ինչո՞ւ։ Արժե՞ արդյոք։ Հանուն ինչի՞» հարցերի հետքերն են։

Հեծյալների խումբը եզրափակող Էրնեստինան ու Գրեհեմը նույնպես զրուցում էին։

— Դիկը բնավ էլ պարզ չէ,— ասում էր Էրնեստինան։— Դուք վատ եք ճանաչում նրան։ Բնավ պարզ չէ։ Ես մի քիչ ճանաչում եմ։ Իսկ Պաոլան շատ լավ է ճանաչում։ Սակայն նրա հոգու մեջ կարող են թափանցել քչերը։ Նա իսկական փիլիսոփա է և տիրապետում է իրեն ստոիկի կամ անգլիացու նման։ Եվ այնպիսի դերասան է, որ կարող է ամբողջ աշխարհին խաբել։

Կաղնիների տակ գտնվող ձիացցերի մոտ, իջնելով ձիերից, խումբը ի մի հավաքվեց։ Պաոլան այնպես էր ծիծաղում, որ աչքերից արցունքներ էին գալիս։

— Դե՛հ, շարունակի՛ր, շարունակի՛ր,— խրախուսում էր նա Դիկին։— Նորի՛ց, նորի՛ց...

— Պաոլան պնդում է, որ շուտով բառերը չեն հերիքի, եթե ես առաջիկայում էլ ծառաներին կոչեմ իմ սիստեմով,— բացատրեց նա։

— Իսկ նա մեկուկես րոպեում առաջարկեց քառասուն անուն... Դեհ, նորից, Դիկ, շարունակիր...

— Ուրեմն, այսպես,— շարունակեց Դիկը երգեցիկ ձայնով,— մենք կարող ենք ունենալ Օ-Թքիր և Օ-Փչիր, Օ-Երգիր, Օ-Պարիր և Օ-Խոսիր, Օ-Քիս և Օ֊Փիս, Օ-Պինգ և Օ-Պոնգ, Օ-Հա և Օ-Չէ...

Եվ Դիկը քայլեց դեպի տուն՝ շարունակելով տարբեր ձևերով արտասանել այս բոլոր տարօրինակ բառակազմությունները։

Գլուխ XVII

Հաջորդ շաբաթվա ընթացքում Գրեհեմը ամեն բանից անդադար դժգոհում էր և տեղը չէր գտնում։ Նրան ջլատում էին ամենահակասական զգացումները, մի կողմից նա գիտակցում էր, որ անհրաժեշտ է հեռանալ Մեծ տնից, մեկնել առաջին իսկ գնացքով, մյուս կողմից՝ Պաոլային հաճախ տեսնելու և նրա հետ ավելի շատ լինելու ցանկությունը շատ մեծ էր։ Միևնույն ժամանակ նա չմեկնեց և Պաոլայի հետ լինում էր ավելի հազվադեպ, քան այստեղ ժամանելու առաջին օրերին։

Թեկուզև այն պատճառով, որ կալվածքում եղած հինգ օրերի ընթացքում երիտասարդ ջութակահարը մի քայլ անգամ չէր հեռանում Պաոլայից։ Գրեհեմը հաճախ էր լինում երաժշտական սենյակում և մռայլադեմ նստում էր կես ժամ շարունակ, լսելով, թե նրանք ինչպես են «աշխատում»։

Նրանք մոռանում էին Գրեհեմի ներկայության մասին, խորասուզված ու տարված լինելռվ երաժշտության նկատմամբ իրենց կրքով, իսկ ընդմիջման կարճ րոպեներին, սրբելով քրտնած ճակատները, շատախոսում և ծիծաղում էին լավ ընկերների պես։ Երիտասարդ երաժիշտը Պաոլային սիրում էր գրեթե հիվանդագին ջերմությամբ։ Գրեհեմին դա հասկանալի էր, սակայն ցավատանջ կերպով նրան խոցում էին գրեթե ակնածալի հիացմունքով այն հայացքները, որոնք Պաոլան երբեմն նվիրում էր Ուեյրին հատկապես մի որևէ մանրանվագի հաջող կատարումից հետո։ Իզուր էր Գրհեմն ինքն իրեն համոզում, որ Պաոլայի կողմից դա պարզապես մտավոր հրապուրանք է. նա ուղղակի հիանում է երիտասարդ երաժշտի վարպետությամբ։ Գրեհեմը լիարյուն տղամարդ էր, և Պաոլայի ու երաժշտի մտերմությունը նրան այնքան սաստիկ ցավ էր պատճառում, որ ի վերջո, ստիպված էր լինում հեռանալ երաժշտական սենյակից։

Ու մի օր, վերջապես, նա Պաոլային մենակ գտավ։ Վերջում կատարելով Շումանի երգը՝ ջութակահարը հեռացավ։ Պաոլան նստել էր դաշնամուրի առաջ, նրա դեմքին ցրված ու երազող մի արտահայտություն կար։ Ասես առանց ճանաչելու, նա Գրեհեմին նայեց, հետո մեքենաբար տիրապետեց իրեն, մտացրիվ մի քանի անիմաստ բառեր մրմնջաց ու հեռացավ։ Չնայած վիրավորանքին ու պատճառած հոգեկան ցավին՝ Գրեհեմը ջանաց նրա տրամադրությունը վերագրել երաժշտության ազդեցությանը, որի արձագանքները դեռևս ապրում էին իր հոգում։ Ճիշտ է, կանայք տարօրինակ արարածներ են, մտածում էր նա, և ընդունակ են ամենաանսպասելի ու անբացատրելի հրապուրանքների։ Մի՞թե չի կարող պատահել, որ այդ երիտասարդը հատկապես իր երաժշտությամբ էլ հրապուրած լինի նրան որպես կին։

Ուեյրի մեկնելուց հետո Պաոլան փակվեց իր կողաշենքում, բռնակ չունեցող դռնից այն կողմ, և գրեթե դուրս չեկավ այնտեղից։ Բայց տանը ոչ ոք չզարմացավ, և Գրեհեմն հասկացավ, որ այդտեղ արտակարգ ոչինչ չկա։

— Պաոլայի հետ երբեմն պատահում է, նա իրեն հիանալի է զգում նաև միայնության մեջ,— բացատրեց Էրնեստինան,— հաճախ է ունենում մեկուսացման շրջաններ, որոնց ընթացքում նրա հետ հանդիպում է միայն Դիկը։

— Որն աչնքան էլ դուրեկան չէ մյուսների համար,— ժպտալով նկատեց Գրեհեմը։

— Բայց երբ նա վերադառնում է, ավելի քան հաճելի է դառնում,— նկատեց Էրնեստինան։

Մեծ տուն ժամանող հյուրերի քանակը նվազում էր։ Ճիշտ է, դեռևս որևէ մեկը գալիս էր ուղղակի տեսնվելու կամ գործով, բայց ընդհանուր առմամբ հյուրերի թիվը նվազում էր։ Օ-Երգի և նրա չինական անձնակազմի շնորհիվ տան կյանքն ընթանում էր անթերի, ամեն բանում թագավորում էր կարգուկանոնը, և տանտերերին հարկ չէր լինում հյուրերին զվարճացնելու համար երկար ժամանակ վատնել։ Մեծ մասամբ հյուրերն իրենք էին զբաղվում և զբաղեցնում իրար։ Մինչև նախաճաշ Դիկը գրեթե չէր երևում, իսկ Պաոլան, կատարելով մեկուսացման իր ուխտը, դուրս էր գալիս միայն ճաշին։

— Հանգստի բուժում,— ծիծաղելով մի անգամ ասաց Դիկը՝ Գրեհեմին առաջարկելով բռնցքամարտ, փայտերով կամ սուսերով մենամարտ։

— Իսկ այժմ իսկական ժամանակն է, որ սկսեք ձեր գիրքը,— ասաց նա ռաունդների միջև ընկած դադարի ժամանակ։— Ես մեկն եմ նրանցից, ով անհամբերությամբ է սպասում այդ գրքին, և խորին համոզմունքն ունեմ, որ գիրքը կստեղծվի։ Երեկ ես նամակ ստացա Հելվիից. հարցնում էր, թե շա՞տ եք գրել արդյոք։

Եվ Գրեհեմը նստեց իր աշտարակում, կարգավորեց նոթագրություններն ու նկարները, ծրագիր կազմեց ու խորասուզվեց առաջին գլուխները գրելու աշխատանքի մեջ։ Դա նրան այնպես էր կլանել, որ թերևս Պաոլայի նկատմամբ ունեցած հրապուրանքն էլ կմարեր, եթե ամեն երեկո չհանդիպեին ճաշի ժամանակ։ Բացի դրանից, մինչև Էրնեստինայի և Լյութի Սանտա֊Բարբարա մեկնելը, շարունակվում էին խմբային լողերը, ձիերով ու ավտոմեքենաներով լեռնային միրիմարյան արոտավայրերն ու Անսելմոյի լեռնագագաթները զբոսանքների մեկնելը։ Երբեմն Դիկի մասնակցությամբ կազմակերպվում էին նաև այլ զբոսանքներ։ Գնում էին Սաքրամենթո գետի հովտում չորացման աշխատանքները դիտելու, գնում էին Լիթլ Քոյոտ ամբարտակի շինարարություն, ինչպես նաև Լոս-Քվատոս կիրճը, որտեղ քսան ակրանոց հողատարածությունների վրա հիմնված էր ֆերմերների այն գաղութը, ուր Դիկը ջանում էր իրենց ընտանիքներով երկու հարյուր հիսուն ֆերմերների հնարավորություն տալ մեկընդմիշտ հաստատվելու։

Գրեհեմը գիտեր, որ Պաոլան հաճախ է միայնակ երկարատև զբոսանքների դուրս գալիս ձիով, և մի անգամ նրան հանդիպեց ձիացցերի մոտ. Պաոլան հենց նոր էր իջել ձիուց։

— Դուք չե՞ք կարծում, որ ձեր Եղնիկը բոլորովին ետ կվարժվի խմբային զբոսանքներից,— ժպտալով հարցրեց Գրեհեմը։

Պաոլան ծիծաղեց ու գլուխը շարժեց։

— Այդ դեպքում թույլ տվեք մի անգամ ուղեկցել ձեզ, ես մեծ ցանկություն ունեմ,— ազնվորեն խոստովանեց Գրեհեմը։

— Բայց դուք կարող եք ուղեկցել Էրնեստինային, Լյութին, Բերթին, ահագին մարդ կա։

— Այս կողմերն անծանոթ են ինձ,— շարունակեց պնդել նա։— Շրջապատին ծանոթանում ես նրանց օգնությամբ, ովքեր իրենք լավ են ճանաչում։ Ես այն արդեն տեսել եմ Լյութի, Էրնեստինայի և մյուսների աչքերով, բայց դեռ շատ բան կա, որ չեմ տեսել ու տեսնել կկարողանամ միայն ձեր աչքերով։

— Հետաքրքիր տեսություն է,— խուսափողաբար պատասխանեց Պաոլան։— Աշխարհագրական վամպիրիզմի պես մի բան...

— Բայց առանց վամպիրիզմի չարամիտ հետևանքների,— աճապարանքով առարկեց Գրեհեմը։

Պաոլան հապաղեց պատասխանել, միևնույն ժամանակ ուղիղ և անկեղծորեն նայեց նրա աչքերին, և Գրեհեմը հասկացավ, որ նա կշռադատում ու մտմտում է իր յուրաքանչյուր բառը։

— Դա դեռ հարց է,— վերջապես ասաց Պաոլան, և Գրեհեմի երևակայությունը կառչեց այդ երեք բառերին՝ ջանալով գուշակել դրանց ծածուկ իմաստը։

— Շատ բան կա, որ մենք կարող էինք ասել իրար,— շարունակեց պնդել Գրեհեմը։— Շատ բան... որ մենք պետք է ասենք իրար...

— Հասկանում եմ,— պատասխանեց Պաոլան ու դարձյալ նայեց նրան իր պարզ, ջինջ հայացքով։

«Հասկանոում է»,— մտածեց Գրեհեմը, և այդ միտքը կրակի պես այրեց նրան։ Նա չիմացավ, թե ինչ պատասխանի, ու չկարողացավ կանխել այն սառը և գրգռող ծիծաղը, որից հետո Պաոլան շրջվեց ու գնաց տուն։

Մեծ տունը շարունակում էր դատարկվել։ Պաոլայի հորաքույրը՝ միսիս Թյուլլին, ի հեճուկս Գրեհեմի (որ կամենում էր նրանից մանրամասնություններ իմանալ Պաոլայի մասին), մի քանի օր հյուրընկալվելուց հետո ևս մեկնեց։ Ասում էին, որ նա, գուցե, նորից կգա, ավելի երկար ժամանակով։ Բայց միսիս Թյուլլին նոր էր ժամանել Եվրոպայից և, իր ասելով, պետք է սկզբում բազմաթիվ անհրաժեշտ այցելություններ կատարեր, որից հետո միայն մտահոգվեր սեփական հաճույքների մասին։

Քննադատ Օ’Հեյը մտադիր էր մեկ շաբաթ ևս մնալ, որպեսզի ոտքի կանգներ փիլիսոփաների գրոհից հետո։ Այդ պատմությունը ծայրեծայր մտածված ու սարքված էր Դիկի կողմից։ Ճակատամարտն սկսվեց վաղ երեկոյան, Էրնեստինայի իբրև թե պատահական ասված խոսքը առիթ ծառայեց Ահարոն Հենքոկին՝ առաջին ռումբը նետել Օ’Հեյի համոզմունքների խոր թավուտի մեջ։ Դար֊Հիալը՝ նրա տաքարյուն և անհամբեր դաշնակիցը, կողքից շրջանցեց երաժշտության իր լպիրշ տեսությամբ ու թիկունքից կրակ բացեց քննադատության վրա։ Ճակատամարտը շարունակվեց այնքան ժամանակ, մինչև որ հմուտ վիճաբանողների կողմից իրեն հասցված բառային հարվածներից գլուխը կորցրած դյուրաբորբոք իռլանդացին, թեթևացած շունչ քաշելով, ընդունեց Թերենս Մաք֊Ֆեյնի առաջարկությունը՝ հանգստանալ և միասին բիլիարդանոց իջնել, դա մի խաղաղ անկյուն էր, որտեղ կարող էին այդ բարբարոսներից հեռու ամրապնդել իրենց համապատասխան խմիչքների խառնուրդով և իսկապես սրտաբաց զրուցել երաժշտության մասին։ Գիշերվա ժամը երկուսին գինու կողմից անհաղթահարելի ու դեռևս հաստատ քայլվածքով Թերենսը բոլորովին հարբած ու խելքը կորցրած Օ’Հեյին անկողին պառկեցրեց։

— Ոչինչ,— հետևյալ օրն Օ’Հեյին ասաց Էրնեստինան, որի աչքերի փայլը մատնում էր նաև նրա մասնակցությունը դավադրությանը։— Այդ բանը պետք էր սպասել, մեր վայ-փիլիսոփաների ձեռքից սուրբն էլ իրեն խմելու կտա։

— Ես կարծում էի, որ Թերենսփ հետ դուք լիակատար անվտանգության մեջ կլինեք,— ծիծաղելով ավելացրեց Դիկը։— Ախր երկուսով էլ իռլանդացիներ եք։ Ես մոռացել էի, օր Թերենսի վրա ոչ մի կերպ հնարավոր չէ ազդել։ Գիտեք, ձեզնից բաժանվելուց հետո նա դեռ եկավ ինձ հետ շաղակրատելու։ Եվ ոչինչ հնարավոր չէր կռահել։ Հենց այնպես, ի միջի այլոց, նա հիշատակեց այն մասին, որ մի֊մի բաժակ կոնծել եք միասին։ Եվ ես... իմ մտքով իսկ չէր կարող անցնել... որ նա... ձեզ այդպես...

Երբ Լյութն ու Էրնեստինան մեկնեցին Սանտա-Բարբարա, Բերթն ու Ռիտան նույնպես հիշեցին իրենց՝ վաղուց մոռացության տված օջախը Սաքրամենթոյում։ Ճիշտ է, հենց նույն օրը ժամանեցին մի քանի նկարիչներ, որոնց հովանավորում էր Պաոլան։ Բայց նրանք գրեթե չէին երևում, քանի որ շարունակ լինում էին սարերում, այս ու այնտեղ էին մեկնում փոքրիկ կառքով և կամ բիլիարդանոցում նստած ծխում էին երկար ծխամորճերը։

Պայմանականություններին օտարոտի Մեծ տան կյանքն ընթանում էր իր հունով։ Դիկն աշխատում էր։ Գրեհեմն աշխատում էր։ Պաոլան դեռ ճգնում էր իր կողաշենքում։ «Մադրոնյան պուրակի» իմաստունները գալիս էին ճաշելու և զրուցելու, ու եթե Պաոլան չէր նվագում, երբեմն շաղակրատում էին ողջ երեկոն։ Ինչպես առաջ, ձյան պես նրանց գլխին էին թափվում Սաքրամենթոյից, Ուիքենբերգից և հովտում գտնվող այլ քաղաքներից եկած հյուրերը, բայց Օ֊Թեյը և մյուս ծառաները իրենց չէին կորցնում, և Գրեհեմը բազմիցս ներկա էր եղել, թե ինչպես մի խումբ անսպասելի հյուրերի ժամանումից քսան րոպե հետո նրանց արդեն հյուրասիրում էին առաջնակարգ կերակուրով։ Բայց և այնպես պատահում էր, իհարկե հազվադեպ, որ սեղանի շուրջ նստում էին Դիկը, Պաոլան և Գրեհեմը. այդ դեպքում, ճաշից հետո տղամարդիկ զրուցում էին մոտ մեկ ժամ, քնելուց առաջ, իսկ Պաոլան իր համար քնքուշ ու մեղմ մի բան էր նվագում և անհետանում էր ավելի շուտ, քան տղամարդիկ։

Բայց մի անգամ, լուսնյակ գիշերով անապասելի վրա տվեցին և՛ Ուաթսոնները և՛ Մեզոնները, և՛ Ուոմբոլդները, ու մի քանի պարտիա բրիջ կազմակերպվեց։ Ինչպես պատահեց. Գրեհեմը դուրս մնաց խաղացողների խմբերից։ Պաոլան նստել էր դաշնամուրի մոտ։ Երբ Գրեհեմը մոտեցավ Պաոլային, նրա աչքերում որսաց ակնթարթորեն բռնկված բերկրանքի արտահայտությունը, որը սակայն նույնքան արագությամբ անհետացավ։ Պաոլան մի թեթև շարժում կատարեց, ասես կամենում էր ընդառաջ գնալ, դա ևս չխուսափեց Գրեհեմից ճիշտ այնպես, ինչպես և կամքի վայրկենական լարումը, որի օգնությամբ Պաոլան ստիպեց իրեն հանգիստ մնալ նստած տեղում։

Ահավասիկ, Պաոլան դարձյալ այնպիսին է, ինչպես Գրեհեմը վարժված էր նրան տեսնել։ «Թեև, ըստ էության, արդյո՞ք շատ եմ տեսել նրան»,— մտածեց Գրեհեմը, դուրս տալով ամեն տեսակի անհեթեթություններ և Պաոլայի հետ տակնուվրա անելով նոտաների կույտը։ Գրեհեմը նրա հետ փորձում էր մերթ այս, մերթ ուրիշ ռոմանս, և նրա բարձր բարիտոնը ձուլվում էր Պաոլայի քնքուշ սոպրանոյին, ընդ որում այնքան հաջող էր ստացվում, որ բրիջ խաղացողները մի քանի անգամ «բիս» գռռացին։

— Այո,— ասաց նա երկու ռոմանսների ընդմիջման ժամանակ,— ես ուղղակի թախծում եմ, շատ եմ ուզում Դիկի հետ դարձյալ թափառել աշխարհով մեկ։ Եթե հնարավոր չիներ մեկնել հենց վաղը։ Բայց առայժմ Դիկը չի կարող։ Նա շատ է զբաղված իր փորձարկումներով ու գյուտարարություններով։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է նա հիմա զբաղված։ Այդ ամենը կարծես քիչ են նրա համար։ Դեռ մտադիր է հեղաշրջում մտցնել առևտրի մեջ, գոնե միայն մեր կողմերում՝ Կալիֆորնիայում և Խաղաղօվկիանոսյան ափեզրում, և գնորդներին ստիպել, որ իրենք գան այստեղ, կալվածատուն։

— Առանց այդ էլ գալիս են,— ասաց Գրեհեմը։— Այստեղ հանդիպածս առաջին մարգը Այդահոյից ժամանած գնորդն էր։

— Այո, բայց Դիկն ուզում է, որ դա սովորություն դառնա. թող գնորդներն այստեղ գան խմբերով, որոշակի ժամանակ, և թող դա միայն առևտուր չլինի,— թեև հետաքրքրություն ծնելու համար նա առևտուր էլ կսարքի,— այլ իսկական, ամենամյա տոնավաճառ, որը տևելու է երեք օր և որի ընթացքում վաճառքի են հանվելու միայն նրա ապրանքները։ Նա հիմա գրեթե ամեն առավոտ նստում է միստր Էգերի ու միստր Փիթսի հետ։ Մեկը առևտրական գործակալն է, մյուսը՝ գործակալը ցուցահանդեսային անասունների գծով։

Պաոլան հառաչեց, և նրա մատները սահեցին ստեղների վրայով։

— Ահ, եթե միայն հնարավոր լիներ մեկնել, ասենք, Թիմբուկտու, Մոքփխո, աշխարհի ծայրը։

— Չպնդեք, որ դուք եղել եք Մոքփխոյում,— ծիծաղելով նկատեց Գրեհեմը։

Պաոլան գլխով արեց։

— Ազնիվ խոսք, եղել ենք։ Թող հենց հիմա գետնի տակն անցնեմ, վաղուց ենք եղել, Դիկի զբոսանավով։ Կարելի է ասել, որ մենք Մոքփխոյում ենք անցկացրել մեր մեղրամիսը։

Նրա հետ զրուցելով Մոքփխոյի մասին, Գրեհեմը ջանում էր գուշակել. միտումնավո՞ր է արդյոք տեղի-անտեղի հիշատակում ամուսնու մասին, թե՞ ոչ։

— Ինձ թվում էր, թե այս կալվածատունը ուղղակի դրախտ եք համարում։

— Իհարկե, իհարկե,— շտապեց նրան վստահեցնել Պաոլան։— Բայց չգիտեմ, թե վերջերս ինչ է տեղի ունենում ինձ հետ։ Ես զգում եմ, որ, չգիտեմ ինչու, ինձ անհրաժեշտ է անպայման մեկնել։ Գուցե գարունն է պատճառը... Կարմրամորթների աստվածները դյութում են... Եթե միայն Դիկը չաշխատեր մինչև գիտակցությունը կորցնելը և չկապվեր այդ նախագծերի հետ... Գիտեք, ամուսնության ամբողջ շրջանում իմ միակ լուրջ մրցակցուհին եղել է հողը, գյուղատնտեսությունը։ Դիկը շատ հաստատուն է, իր կալվածքը իսկապես նրա առաջին սերն է։ Նա այս ամենը ստեղծել ու կարգավորել է մինչև մեր հանդիպումը, երբ դեռ չէր էլ կասկածում իմ գոյության մասին։

— Եկեք փորձենք այս զուգերգը,— հանկարծ ասաց Գրեհեմը, նրա առաջ, գրակալի վրա դնելով ինչ-որ նոտաներ։

— Օ՜հ, ո՛չ,— բողոքեց Պաոլան,— ախր այդ երգը կոչվում է «Գնչուների արահետով», դա ինձ ավելի կհուզի։— Եվ Պաոլան սկսեց երգել առաջին տունը.

Լողում, փնտրում ենք պատտերանն այնտեղ,
Ուր մայրամուտն է հանգչում ծիրանի...
Թո՛ղ հողմը սուլի, թո՛ղ նավը սուրա,
Միևնույն չէ՞ մեզ, թե ո՛ւր կտանի։

— Ի դեպ, ի՞նչ բան է գնչուական պատտերանը,— հարցրեց Պաոլան, հանկարծ ընդհատելով երգը։— Ես միշտ կարծել եմ, որ դա յուրահատուկ բարբառ է, գնչուական բարբառ, դե, ասենք, ֆրանսիական potoi-ի պես, և անհեթեթ էր թվում, թե ինչպես կարելի է աշխարհե-աշխարհ գնալ բարբառի հետևից, ասես դա բանասիրական էքսկուրսիա լինի։

— Որ ոշ իմաստով պատտերանը բարբառ է,— պատասխանեց նա։— Բայց բոլոր դեպքերում նշանակում է միևնույն բանը. «Ես այստեղով անցել եմ»։ Պատտերանը իրենից ներկայացնում է հատուկ ձևով խաչված երկու ճիպոտ, որը թողնում են ճանապարհին։ Բայց ճիպոտներից ամեն մեկը պետք է կտրել տարբեր տեսակի ծառերից կամ թփերից։ Այստեղ, կալվածքում, պատտերան կարելի է սարքել մանսանիթի ու մագրոնիոյի, կաղնու և սոճու, հաճարի ու լաստենու, դափնու և եղևնու, հապալասի և յասամանի ճյուղերից։ Դա մի նշան է, որ գնչուները թողնում են իրար, ընկերն՝ ընկերոջը, սիրածը՝ սիրածին։— Եվ իր հերթին, Գրեհեմն սկսեց երգել.

Եվ նորից, նորից ծովի ճամփեքով,
Ծանոթ շավիղով նավարկում ենք մենք.
Օ՜, քեզ գտնելու համար, պատտերա՛ն,
Ո՛ղշ երկրագունդն էլ անտրտունջ կանցնենք։

Պաոլան ռիթմիկ օրորում էր գլուխը, հետո նրա մշուշապատ հայացքը սահեց սենյակով մեկ ու կանգ առավ խաղացողների վրա. բայց նա անմիջապես իր վրայից նետեց երաղկոտ ցրվածությունն ու վրա տվեց.

— Միայն աստծուն է հայտնի, թե մեզնից ոմանց մեջ որքանով է տեղ արել գնչուական այդ տարերքը։ Իմ մեջ որքան ուզեք... Չնայած հովվերգական իր հակումներին, Դիկը բնածին գնչու է։ Դատելով այն ամենից, ինչ նա պատմել է ձեր մասին, ձեր մեջ ևս այդ բանը ամուր է նստած։

— Ըստ էության,— նկատեց Գրեհեմը,— իսկական գընչուն հենց սպիտակամորթ մարդն է. նա, այսպես ասած, գնչուական թագավոր է։ Նա միշտ էլ առավել խիզախ և անխոնջ քոչվոր է եղել, ու նրա հանդերձանքն էլ եղել է ավելի վատ, քան ուզածդ գնչուինը։ Գնչուներն են գնացել նրա հետքերով, և ոչ թե նա՝ գնչուների։ Փորձենք երգել...

Մինչ նրանք երգում էին անհոգ և ուրախ երգի համարձակ բառերը, Գրեհեմը նայում էր Պաոլային ու ապշում. ապշում էր և՛ նրա, և՛ իր վրա։ Մի՞թե իր տեղն այստեղ է, այս կնոջ կողքին, նրա ամուսնու տանիքի տակ։ Եվ սակայն, ինքն այստեղ է, թեև պետք է վաղուց մեկնած լիներ։ Այսքան տարիների ընթացքում, պարզվում է, ինքն իրեն չի ճանաչել։ Դա ինչ-որ սադրանք է, խենթություն։ Անհրաժեշտ է անմիջապես դուրս փախչել այստեղից։ Նա առաջ էլ ապրել է նման վիճակներ, ասես կախարդված է եղել, և միշտ էլ կարողացել է դուրս պրծնել։ «Մի՞թե տարիների հետ ես թուլացել եմ»— հարցնում էր իրեն Գրեհեմը։ Թե՞ այս խենթությունը ավելի ուժեղ և խորն է այն ամենից, ինչ եղել է մինչև հիմա։ Չէ՞ որ դա ոտնձգություն է իր սրբությունների նկատմամբ, որոնք այնքան թանկ են իր համար, որոնք այնքան խանդաղատանքով ու ակնածանքով պահպանել է իր հոգու գաղտնարաններում, նա դեռ երբեք չի դավաճանել դրանց։

Սակայն նա չկարողացավ ազատագրվել գերությունից։ Նա կանգնել էր Պաոլայի կողքին ու նայում էր նրա շագանակագույն վարսերին, որտեղ բռնկվում էին ոսկե֊բրոնզագույն կայծեր, նայում էր նրա ականջների մոտի սքանչելի խոպոպիկներին։ Նրա հետ երգում էր մի երգ, որն այրում էր իրեն և, հավանաբար, նրան. այլ կերպ չէր կարող լինել Պաոլայի խառնվածքի կնոջ համար և զգացմունքների այնպիսի փայլատակումների դեպքում, որպիսիք նա անգիտակցաբար ու ակամա մատնում էր։

«Նա կախարդուհի է, և ձայնը նրա հրապույրներից մեկն է»,— մտածեց Գրեհեմը, լսելով, թե ինչպես է այդ կանացի ու արտահայտիչ և աշխարհում մյուս կանանց ձայներին այնքան չնմանվող ձայնը լցնում իր հոգին։ Այո, Գրեհեմը զգում էր, խորապես վստահ էր նաև, որ իր խենթության մի մասնիկը հաղորդվել է նաև նրան, որ երկուսով էլ ապրում են միևնույն բանը, որ գա տղամարդու և կնոջ հանդիպում է։

Ոչ միայն Գրեհեմը, այլև Պաոլան երգում էին ծածուկ մի հուզմունքով. այո, անտարակույս։ Եվ այս միտքը ավելի արբեցրեց Գրեհեմին։ Իսկ երբ հասան վերջին տողերին, ու նրանց ձայները միաձուլվելով՝ թրթռացին, Գրեհեմի ձայնում հնչեց առանձնահատուկ մի ջերմություն և կիրք.

Վայրի բազեին՝ երկինքն ու քամին,
Եղնիկին թավուտ անտառն են տվել,
Իսկ տղամարդուն՝ հուր սերը կնոջ
Այդպես եղել է տարիներ ի վեր։
Իսկ տղամարդուն՝ հուր սերը կնոջ...
Իմ վրաններում մարեց լույսը, տե՛ս,
Բայց հորիզոնում օրն է լուսանում,
Եվ ողջ աշխարհը սպասում է մեզ։

Երբ մարեց վերջին հնչյունը, Գրեհեմը նայեց Պաոլային, որոնելով նրա հայացքը, բայց Պաոլան, հայացքն ստեղնաշարին, մի քանի վայրկյան նստել էր անշարժ, ու երբ հետո գլուխը շրջեց, Գրեհեմը տեսավ Մեծ տան փոքրիկ տիրուհու սովորական, չարաճճի ու ժպտացող, փոքր-ինչ խորամանկ հայացքով դեմքը։ Եվ Պաոլան ասաց.

— Գնանք Դիկին ծաղրելու, նա տանուլ է տալիս։ Երբեք չեմ տեսել, որ թղթախաղի ժամանակ նա իրեն կորցնի, բայց սարսափելի թթվում է, երբ երկար ժամանակ բախտը չի բանում։ Իսկ խաղալ սիրում է,— շարունակեց նա՝ Գրեհեմի առջևից քայլելով դեպի թղթախաղի սեղանները։— Դա նրա հանգստանալու միջոցներից մեկն է։ Եվ նա հանգստանում է։ Տարվա մեջ մեկ կամ երկու անգամ նստում է պոքեր խաղալու, և կարող է խաղալ ամբողջ գիշերը ու հալից ընկած ավարտել խաղը։

Գլուխ XVIII

Այն օրից հետո, երբ նրանք երկուսով կատարեցին գնչուական երգը, Պաոլան դուրս եկավ մեկուսացումից, և Գրեհեմի համար այլևս դյուրին բան չէր աշտարակում նստելն ու նախատեսված աշխատանքը կատարելը։ Ամբողջ առավոտ Գրեհեմին էին հասնում մերթ երգերի ու օպերային մեներգերի պատառիկները, որոնք Պաոլան ծոր էր տալիս իր կողաշենքում, մերթ վիթխարի բակում շների հետ խաղն ու ծիծաղը, մերթ երաժշտական սենյակից լսվող դաշնամուրի խուլ հնչյունները, որտեղ այժմ Պաոլան երկար ժամեր էր անցկացնում։ Սակայն Գրեհեմը, Դիկի օրինակով, առավոտյան ժամերն հատկացնում էր աշխատանքին ու հազվադեպ էր Պաոլային հանդիպում երկրորդ նախաճաշից առաջ։

Պաոլան հայտարարեց, որ անքնության շրջանն արդեն անցել է, և ինքը պատրաստ է բոլոր զվարճությունների ու զբոսանքների համար, որպիսիք Դիկը կկարողանա առաջարկել, սպառնալով, որ եթե անձամբ մասնակցություն չունենա այդ զվարճություններին, ապա մի խումբ հյուրեր կկանչի և ցույց կտա Դիկին, թե ինչպես պետք է զվարճանալ։ Այդ ընթացքում Մեծ տուն վերադարձավ հորաքույր Մարթան, այլ կերպ ասած՝ միսիս Թյուլլին, և Պաոլան դարձյալ սկսեց շրջել իր բարձր երկանիվ կառքով, որին լծված էին Դադդին ու Ֆադդին։ Այդ ձիուկները բավականին քմահաճ բնավորություն ունեին, սակայն միսիս Թյուլլին, չնայած իր հասակին ու մարմնեղությանը, չէր, վախենում դրանից, եթե կառավարում էր Պաոլան։

— Այդպիսի վստահություն ես ոչ մի կնոջ նկատմամբ չունեմ,— բացատրեց նա Գրեհեմին։— Պաոլան միակն է, որի հետ ես կարող եմ կառք նստել, նա շատ լավ է գլուխ հանում ձիերից։ Երբ Պաոլան դեռ երեխա էր, պարզապես պաշտում էր ձիերին։ Զարմանալի է, թե ինչպես է, որ մինչե հիմա կրկեսի ձիավարժ չի դարձել։

Եվ շատ ու շատ բաներ իմացավ Գրեհեմը Պաոլայի մասին հորաքրոջ հետ ունեցած զրույցների ժամանակ։ Ֆիլիպ Ռեսթենի՝ իր եղբոր ու Պաոլայի հոր մասին միսիս Թյուլլին կարող էր պատմել անվերջ։ Նա շատ ավելի մեծ է եղել քրոջից, և միսիս Թյուլլին մանկության տարիներին նրան պատկերացրել է որպես հեքիաթային մի արքայազն։ Ֆիլիպը եղել է ազնիվ ու շռայլ բնավորությամբ անձնավորություն, նրա արարքներն ու ապրելաձևը սովորական մարդկանց թվացել է ոչ բնականոն։ Նա ամեն քայլափոխին խենթություններ է կատարել և մարդկանց ահագին լավություն է արել։ Բնավորության այդ գծերի շնորհիվ Ֆիլիպը հաճախ է դիզել վիթխարի կարողություններ և նույնքան հեշտությամբ կորցրել դրանք, հատկապես քառասունինը թվականի ոսկու նշանավոր տենդի շրջանում։ Սերված է եղել Նոր Անգլիայի առաջին գաղթականների ընտանիքից, սակայն նախապապը եղել է նավաբեկությունից հետո Մեյնի ափին փրկված մի ֆրանսիացի, որն օթևան է գտել նավաստի-ֆերմերների շրջանում։

— Մեկ անգամ, միայն մեկ անգամ յուրաքանչյուր սերնդի մեջ, հանձին իր շառավիղներից մեկնումեկի, հարություն է առնում ֆրանսիացի Դեսթենը,— համոզված ասաց միսիս Թյուլլին Գրեհեմին։— Իր սերնդի մեջ այդ միակը Ֆիլիպն էր, իսկ հաջորդը՝ Պաոլան։ Նա ժառանգել է հոր ողջ ինքնուրույնությունը։ Թեև Էրնեստինան և Լյութը նրա քույրացուներն են, սակայն դժվար է հավատալ, որ նրանց երակներում հոսում է նույն արյունից թեկուզև մի կաթիլ։ Ահա թե ինչ ու Պաոլան կրկես չընդունվեց, և նրան այդպես համառորեն ձգում էր Ֆրանսիան, նախապապի արյունն էր կանչում այնտեղ։

Պաոլայի՝ Ֆրանսիայում անցկացրած կյանքի մասին Գրեհեմը նույնպես ահագին բան իմացավ։ Ֆիլիպ Դեսթենը մեռել էր ճիշտ ժամանակին, երբ նրա երջանկության անիվը շրջվել էր։ Այն ժամանակ դեռևս փոքրիկ Էրնեստինային և Լյութին վերցրել են մորաքույրները. երեխաները նրանց առանձին հոգս չէին պատճառում։ Իսկ Պաոլայի հետ, որն ընկել էր հորաքույր Մարթայի մոտ, գործը շատ դժվար էր, և պատճառը այդ ֆրանսիացին էր։

— Օ՛հ, նա Նոր Անգլիայի իսկական դուստրն է,— պնդում էր միսիս Թյուլլին,— բոլոր այն հարցերում, որ վերաբերում է ազնվությանը, ուղղամտությանը, վստահությանն ու հավատարմությանը։ Դեռ փոքրիկ աղջիկ էր, որ ստում էր միայն այն դեպքերում, երբ անհրաժեշւո էր փրկել ուրիշներին. այդ ժամանակ նրա բոլոր նորանգլիական նախահայրերը լռում էին, ու նա ստում էր նույնքան՝ փայլուն կերպով ու ոգևորված, ինչպես հայրը։ Հայրը ուներ այդ նույն հմայքը, նույն համարձակությունը, վարակիչ ծիծաղը, աշխուժությունը։ Սակայն, ուրախ ու կրակոտ բնավորությունից բացի, նա կարողանում էր լինել ինչ֊որ առանձնահատուկ կերպով ներողամիտ։ Ոչ ոք չէր կարող անտարբեր լինել նրա նկատմամբ։ Մարդիկ դառնում էին կամ նրա ամենանվիրված բարեկամները, կամ սկսում էին ատել։ Նրա հետ ունեցած շփումը ծնում էր սեր կամ ատելություն. միշտ։ Այդ առումով Պաոլան նման չէ հորը, հավանաբար պատճառն այն է, որ կին է և, տղամարդկանց նման, հողմաղացների դեմ մարտնչելու հակում ունի։ Ես չգիտեմ, թե նա աշխարհում թեկուզ մի թշնամի ունի՞ արդյոք։ Բոլորը սիրում են նրան. գուցե միայն ինչ֊որ գիշատիչ֊կանայք են նախանձում, որ այդպիսի լավ ամուսին ունի։

Այդ Ժամանակ բաց պատուհանից լսվեց Պաոլայի ձայնը, նա երգում էր կամարաշարի տակ, և Գրեհեմին թվաց, թե լսում է այն ջերմ թրթիռը, որը այլևս մոռանալ չէր կարող։ Հետո Պաոլան ծիծաղեց, միսիս Թյուլլին ևս ժպտաց ու շարժեց գլուխը։

— Ճիշտ Ֆիլիպ Դեսթենի պես է ծիծաղում,— ասաց նա,— և այն ֆրանսիացու տատիկների ու նախատատիկների պես, որին նավաբեկությունից հետո բերել էին Փենոբսքոթ, հագցրել էին տնայնագործական զգեստներ և ուղարկել աղոթարան։ Դուք նկատե՞լ եք, որ երբ Պաոլան ծիծաղում է, ամեն մեկն ուզում է նայել նրան և ինքն էլ ժպտալ։ Ֆիլիպի ծիծաղն էլ մարդկանց վրա ճիշտ նույն տպավորությունն էր թողնում։

Պաոլան միշտ էլ ջերմորեն սիրել է երաժշտությունը, կերպարվեստը, նկարչությունը։ Երբ դեռ փոքրիկ էր, ամեն տեղ նկարում էր ու քանդակում։ Նկարում էր թղթի վրա, գետնին, տախտակների վրա, իսկ քանդակներն անում էր ինչից որ պատահեր՝ կավից, ավազից։

Նա ամեն բան սիրում էր, և նրան էլ սիրում էին բոլորը,— շարունակեց միսիս Թյուլլին։— Երբեք չէր վախենում կենդանիներից և նրանց հետ վերաբերվում էր նույնիսկ ինչ-որ ակնածանքով։ Դա բնածին բան է. գեղեցիկը նրա մոտ ակնածանք է առաջացնում։ Նա միշտ հակված էր մարդկանց պատվանդանին բարձրացնելու, նրանց արտակարգ գեղեցկություն կամ բարոյական արժանիքներ վերագրելու։ Ինչ տեսնում է, ամենից առաջ դրա մեջ գնահատում է գեղեցկությունը, ասենք, այս սքանչելի դաշնամուրը, հիանալի կտավը, ցեղական նժույգը կամ դյութական բնանկարը։

Նա ուզում էր, որ ինքն էլ ստեղծագործի, ստեղծի գեղեցիկը։ Բայց ոչ մի կերպ չկարողացավ վճռել, թե ինչ ընտրի՝ երաժշտությո՞ւն, թե՞ կերպարվեստ։ Բոսթոնում, երաժշտական ուսումնառության ամենատաք շրջանում, որտեղ ուսանում էր լավագույն ուսուցիչների մոտ, Պաոլան հանկարծ վերադարձավ կերպարվեստին։ Իսկ նկարակալից նա ձգվեց դեպի կավը։

Ահավասիկ, իր մեջ զգալով ամեն գեղեցիկ բանի նկատմամբ ունեցած այդ սերը, նա գլուխը կորցրեց, չիմանալով, թե որ բնագավառում է ավելի շնորհաշատ, և ընդհանրապես, արդյո՞ք իսկական կոչում ունի։ Այդ ժամանակ էլ ես պնդեցի թողնել ամեն տեսակի աշխատանքներն ու լիարժեք հանգստանալ, և մի տարով արտասահման տարա։ Այնտեղ բացահայտվեցին նրա՝ պարերի նկատմամբ արտակարգ ընդունակությունները։ Բայց և այնպես նա անդադար վերադառնում էր երաժշտությանն ու կերպարվեստին։ Ոչ, դա թեթևամտություն չէ։ Ամբողջ դժբախտությունն այն է, որ Պաոլան չափազանց ընդունակ է...

— Չափազանց բազմակողմանի ընդունակություններ ով,— ավելացրեց Գրեհեմը։

— Այո, թերևս,— համաձայնեց միսիս Թյուլլին։— Բայց ախր ընդունակությունից մինչև իսկական տաղանդը դեռ շատ հեռու է։ Ես էլ դեռևս, թեկուզև մորթեն, չգիտեմ, որևէ բանի նկատմամբ արդյո՞ք նա հակում ունի։ Նա ախր ոչ մի նշանակալի բան չի ստեղծել որևէ բնագավառում։

— Նա ստեղծել է ինքն իրեն,— նկատեց Գրեհեմը։

— Այո, նա, իսկապես, արվեստի սքանչելի մի ստեղծագործություն է,— հիացմունքով արձագանքեց միսիս Թյուլլին,— նա հիանալի, արտակարգ կին է, ընդ որում բոլորովին չի փչացել, բնական էլ մնացել է։ Ի վերջո, նրա ինչի՞ն է պետք այդ ստեղծագործական աշխատանքը։ Ինձ համար նրա որևէ խենթավուն արարքը...— Օհ, ես լսել եմ ձիու հետ լողալու պատմությունը...— շատ անգամ ավելի թանկ է, քան նրա կտավները, որքան էլ դրանք հաջողված լինեն։ Խոստովանում եմ, երկար ժամանակ ես չէի կարողանում հասկանալ Պաոլային։ Դիկը նրան անվանում է «հավիտենական աղջնակ»։ Բայց, աստված իմ, անհրաժեշտության դեպքում ինչպես է նա կարողանում այդքան վեհատես լինել։ Ես, ընդհակառակը, նրան անվանում եմ մեծ երեխա։ Դիկի հետ հանդիպումը նրա համար երջանկություն էր։ Թվում էր, այն ժամանակ նա իսկապես գտավ իրեն։ Գիտե՞ք դա ինչպես պատահեց...

Այդ տարի, միսիս Թյոլլլիի ասելով, նրանք ճանապարհորդում էին Եվրոպայում։ Պաոլան Փարիզում զբաղվում էր կերպարվեստով և, ի վերջո, եկավ այն եզրակացության, որ հաջողության հասնում են միայն պայքարով, և որ հորաքրոջ դրամները խանգարում են իրեն։

— Եվ նա պնդեց իրենը,— հոգոց հանեց միսիս Թյուլլին։— Նա... ինչպես ասեմ, նա ուղղակի քշեց ինձ, ուղարկեց տուն։ Համաձայնեց ամենանվազ նյութական օգնություն ստանալ և միանգամայն ինքնուրույն կերպով, երկու ամերիկացի աղջիկների հետ տեղավորվեց Լատինական թաղամասում։ Այստեղ էլ հանդիպել է Դիկին... Դիկի նմաններին էլ ախր միայն որոնելով կգտնես։ Դուք բնավ չեք կռահի, թե նա այն ժամանակ ինչով էր զբաղված։ Գինետուն էր պահում, ոչ, իհարկե, մոդայիկ գինետների պես, այլ իսկական, ուսանողական։ Իր տեսակի մեջ դա նույնիսկ ընտիր գինետուն էր։ Այնտեղ հավաքվում էին ամեն տեսակի խենթեր։ Դիկը հենց նոր էր վերադարձել աշխարհի ծայրում ունեցած իր արկածախնդրություններից և, ինչպես ինքն արտահայտվեց այն ժամանակ, որոշ շրջան կամենում էր ոչ այնքան ապրել, որքան մտորել կյանքի մասին։

Մի անգամ Պաոլան ինձ տարավ այդ գինետունը։ Ուրիշ բան չմտածեք. նախորդ օրը նրանք նշանվել էին, և Դիկն այցելել էր ինձ. մի խոսքով, ինչպես կարգն է։ Ես ճանաչում էի Դիկի հորը, «Բախտավոր» Ֆորրեսթին, շատ բան էի լսել նրա որդու մասին։ Ավելի լավ զույգ Պաոլան հազիվ թե ընտրեր։ Բացի այդ, դա իսկական սիրավեպ էր։ Առաջին անգամ Պաոլան նրան տեսել էր Կալիֆորնիական համալսարանի թիմը գլխավորելիս, երբ հաղթել էին Սթենֆորդի թիմին։ Իսկ հետևյալ անգամ Պաոլան հանդիպել էր նրան այն արվեստանոցում, որը վարձել էր երկու ամերիկուհիների հետ։ Պհաոլան չգիտեր՝ Դիկը միլիոնատե՞ր է, թե գինետուն է պահում այն պատճառով, որ գործերը վատ են։ Այդ բանը նրան չէր էլ հետաքրքրում։ Պաոլան միշտ ենթարկվում էր սրտի թելադրանքին։ Պատկերացրեք իրադրությունը. Դիկին ոչ ոք չէր կարողանում որսալ իր ցանցի մեջ, իսկ Պաոլան էլ երբեք սիրախաղեր չէր արել։ Նրանք, երևի, անմիջապես իրար գիրկ են նետվել, որովհետև մեկ շաբաթ անց ամեն բան արդեն վճռված էր։ Բայց Դիկը, այնուամենայնիվ, խնդրեց իմ համաձայնությունը ամուսնության մասին, կարծես իմ խոսքը կարող էր որևէ կշիռ ունենալ։

Ուրեմն, դառնամ նրա գինետանը։ Դա փիլիսոփաների գինետուն, էր, Լատինական թաղամասի կենտրոնի նկուղներից մեկում գտնվող մի սենյակ էր, ընդամենը մի սեղանով։ Պատկերացնո՞ւմ եք, թե դա ի՜նչ հաստատություն էր։ Իսկ սեղա՜նը։ Տախտակե մի մեծ ու կլոր սեղան էր, նույնիսկ առանց մոմլաթի, ամբողջովին ծածկված գինու հետքերով, որովհետև փիլիսոփաները սեղանին էին հարվածում գինու լիքը գավաթներն, ու գինին թափվում էր։ Սեղանի շուրջը ազատ կարող էին նստել երեսուն հոգի։ Կանայք մուտք չունեին։ Ինձ և Պաոլայի համար բացառություն արեցին։ Դուք այստեղ տեսե՞լ եք Ահարոն Հենքոկին։ Նա այդ փիլիսոփաներից մեկն էր ու մինչև հիմա էլ պարծենում է, թե Դիկին պարտք է մնացել ավելի, քան մյուսները։ Սովորաբար հենց գինետանն էլ նրանք հանդիպում էին, այդ չարաճճի երիտասարդ խելոքները, խփում էին սեղանին և փիլիսոփայության մասին էին խոսում եվրոպական բոլոր լեզուներով։ Դիկը միշտ էլ հակումներ ուներ փիլիսոփայության նկատմամբ։

Բայց Պաոլան փչացրեց նրանց այդ ողջ հաճույքը։ Հենց որ ամուսնացան, Դիկը նախապատրաստեց իր «Ամեն բան մոռացիր» երկկայմանավը, և այդ սիրող զույգը ծով դուրս եկավ՝ ճռելով մեղրամիսն անցկացնել Բորդոյի և Հոնկոնգի միջև։

— Իսկ գինետունը փակվեց, և փիլիսոփաներն էլ մնացին առանց օթևանի ու ասուլիսների...— նկատեց Գրեհեմը։

Միսիս Թյուլլին բարեհոգաբար ծիծաղեց ու շարժեց գլուխը։

— Ո՜չ, ո՜չ... Դիկը ապահովեց գինետան գոյությունը,— ասաց նա, ձեռքը սրտին տանելով ու ջանալով շունչ առնել։— Չեմ կարող ասել ընդմիշտ, թե ժամանակավոր։ Բայց մեկ ամիս անց ոստիկանությունը փակեց այդ գինետունը, կասկածելով, թե իրոք այնտեղ անիշխանականների ակումբ է։

Թեև Գրեհեմը գիտեր, թե որքան բազմազան են Պաոլայի հետաքրքրությունների շրջանակն ու շնորհները, բայց և այնպես զարմացավ՝ մի անգամ նրան տեսնելով պատուհանի խորշում դրված գահավորակին նստած ու ինչ֊որ ասեղնագործությամբ տարված։

— Գործել շատ եմ սիրում,— բացատրեց նա։— Եվ խանութներից գնված ոչ մի թանկարժեք ասեղնագործություն չեմ կարող համեմատել իմ սեփական նախշերով սեփական աշխատանքի հետ։ Դիկը մի ժամանակ զայրանում էր, որ ես ասեղնագործությամբ եմ զբաղվում։ Նա ախր պահանջում է, որ ամեն հարցում նպատակասլացություն լինի, որպեսզի մարդիկ իզուր տեղը ուժ չվատնեն։ Նա համոզված էր, որ ասեղնագործությամբ զբաղվելս ժամանակի իզուր կորուստ է. գեղջկուհիները մի քանի գռոշով կարող են հրաշալի անել նույն բանը։ Բայց ինձ հաջողվեց նրան վերջնականապես համոզել, որ ես իրավացի եմ։

Սա նույնն է, ինչ դաշնամուր նվագելը։ Իհարկե, ես կարող եմ իմ երաժշտությունից էլ լավ երաժշտություն գնել, բայց երբ ինքս եմ նստում գործիքի առաջ և ինքս եմ կատարում՝ ինչպիսի հաճույք է դա։ Արդյոք մրցո՞ւմ ես դու ուրիշի հետ, ընդունելով նրա մեկնաբանությունը, թե՞ քեզնից ես ինչ֊որ բան գնում՝ կարևոր չէ. և՛ մեկը, և՛ մյուսը հոգուն ստեղծագործական բերկրանք են պատճառում։

Վերցրեք թեկուզ բոլորքի վրայի շուշանների այս նեղ երիզը. այսպիսի մեկ ուրիշը ոչ մի տեղ չեք գտնի։ Այստեղ ամեն բան իմն է՝ և՛ մտահղացումը, և՛ կատարումը, և՛ այն հաճույքը, որ այդ մտահղացմանը տալիս եմ ձև ու կյանք։ Իհարկե, խանութներում ավելի լավ մտահղացումներով, ավելի բարձր կատարումով ասեղնագործեր են լինում, բայց դա այն չէ։ Այստեղ ամեն բան իմն է։ Իմ երևակայության մեջ ես տեսել եմ նախշերն ու վերարտադրել։ Այս ամենից հետո ո՞վ կհամարձակվի պնդել, թե ասեղնագործությունը արվեստ չէ։

Պաոլան, իր ծիծաղող աչքերը նրան հառած, լռեց։

— Եթե չխոսենք այն մասին, որ գեղեցիկ կնոջ զարդարանքը ամենաարժանի և, միաժամանակ, ամենահրապուրիչ արվեստն է,— վրա բերեց Գրեհեմը։

— Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում լավ դերձակուհուն,— լրջորեն ասաց Պաոլան։— Դրանք իսկական արվեստագետներ են։ Դիկը կասեր, որ նրանք արտակարգ կարևոր տեղ են գրավում համաշխարհային էկոնոմիկայում։

Մեկ ուրիշ անգամ, գրադարանում Անդերի մասին ինչ֊որ տեղեկություններ որոնելիս, Գրեհեմը հանդիպեց Պաոլային, որ նազանքով խոնարհվել էր սեղանին ամրացված հաստ թղթի վրա. շուրջը դարսված էին հաստափոր, ճարտարապետական նախագծերով լի թղթապանակներ. Պաոլան «Մադրոնյան պուրակի» իմաստունների համար փայտե բունգալոյի նախագիծ էր մշակում։

— Շատ դժվար է,— հառաչեց Պաոլան։— Դիկը պնդում է, որ կառուցելուց հետո պետք է կառուցել յոթ հոգու համար։ Առայժմ մեր իմաստունները չորս հոգի են, բայց նա շատ է ուզում, որ անպայման յոթ լինեն։ Նա ասում է, որ ցնցուղների, վաննաների և այլ հարմարությունների մասին չարժե մտածել, մի՞թե փիլիսոփաները լողանում են։ Եվ ամենայն լրջությամբ պնդում է, որ յոթ հատ սալօջախ դնենք և յոթ խոհանոց պատրաստենք. կարծես թե այսքան չնչին առարկաների համար են նրանք անընդհատ վիճում իրար հետ։

— Կարծեմ Վոլտերը թագավորի հետ վիճեց այրված մոմերի մնացորդների՞ պատճառով,— հարցրեց Գրեհեմը՝ հիանալով նրա սքանչելի ու անկաշկանդ կեցվածքով։ Երեսունութ տարեկա՞ն։ Անհնարին բան է։ Նա կարծես դպրոցական աղջնակ լիներ, որ շիկնել էր դժվար խնդիր լուծելու վրա։ Հետո նա հիշեց միսիս Թյուլլիի դիտողությունն այն մասին, որ Պաոլան մեծ երեխա է։

Եվ Գրեհեմը զարմացավ. մի՞թե այդ Պաոլան էր այն ժամանակ ձիացցերի մոտ, երկու նախադասությամբ ասաց, որ հիանալի հասկանում է, թե որքան ահեղ է ստեղծված իրադրությունր։ «Հասկանում եմ»,— ասաց նա։ Ի՞նչ էր նա հասկանում։ Գուցե դա ասվեց պատահաբա՞ր, առանց այդ բառերին առանձնահատուկ նշանակություն տալո՞ւ։ Բայց ախր նա ամբողջ էությամբ թրթռում ու ձգվում էր դեպի Գրեհեմը, երբ միասին երգում էին գնչուական երգը։ Դա արդեն ինքը հաստատ գիտեր։ Իսկ մյուս կողմից, մի՞թե չէր տեսնում, թե Պաոլան ինչպես կլանված է ունկնդրում Դոնալդ Ուեյրի նվագին։ Սակայն սիրտն անմիջապես հուշեց Գրեհեմին, որ ջութակահարի հետ բոլորովին այլ էր։ Այդ մտքի վրա նա ակամա ժպտաց։

— Ինչի՞ վրա եք ծիծաղում,— հարցրեց Պաոլան։— Իհարկե, ես գիտեմ, որ ճարտարապետ չեմ։ Բայց կուզենայի տեսնել, թե դուք ինչպես կկառուցեիք մի տուն՝ յոթ փիլիսոփաների համար, և կկատարեիք Դիկի բոլոր անհեթեթ պահանջները։

Վերադառնալով իր աշտարակը և, առանց բացելու, առջևը դնելով Անդերի մասին գրքերը, Գրեհեմը, շրթունքները կրծոտելով, խորասուզվեց մտորումների մեջ։ Ոչ, դա կին չէ. այնուամենայնիվ, դա երեխա է... Կամ... նա միամի՞տ է ձևանում։ Հասկանո՞ւմ է, իսկապես, թե բանն ինչումն է։ Պետք է, որ հասկանա։ Այլ կերպ ինչպե՞ս կարող է լիներ Չէ՞ որ նա ճանաչում է մարդկանց, ճանաչում է կյանքը։ Եվ շատ խելացի է։ Նրա մոխրագույն աչքերի յուրաքանչյուր հայացքը խոսում է ինքնատիրապետման և ուժի մասին։ Այո, հատկապես ներքին ուժի մասին։ Նա հիշեց առաջին երեկոն, երբ մերթ ընդ մերթ Պաոլայի մոտ բռնկվում էին պողպատի, թանկարժեք, հրաշալի պողպատի ցոլքեր։ Եվ Գրեհեմը հիշեց, թե ինչպես էր նրա ուժը համեմատում փղոսկրի, քանդականախշ սադափե խեցու, աղջկական մազերից հյուսված ցանցի հետ...

Իսկ այժմ, ձիացցերի մոտ ունեցած կարճատև խոսակցությունից և գնչուական երգից հետո, ամեն անգամ, հենց որ նրանց հայացքներն իրար են հանդիպում, երկուսն էլ մեկ֊մեկու աչքերում կարդում են չարտասանված գաղտնիքներ։

Անհրաժեշտ տեղեկություններ գտնելու համար նա ապարդյուն թերթեց իր առջև դրված գրքերը, հետո փորձեց շարունակել առանց դրանց, բայց ոչ մի բառ գրել չկարողացավ... Անտանելի մի անհանգստություն տիրեց նրան։ Գրեհեմը ճանկեց չվացուցակը, որոնելով հարմար գնացք, մի կողմ նետեց թուղթը, վերցրեց ներքին հեռախոսի լսափողը, զանգահարեց ախոռ և խնդրեց թամբել Ալթադենին։

Հիասքանչ առավոտ էր. կալիֆորնիական ամառը նոր էր սկսվում։ Նիրհած դաշտերի վրա քամի չէր խաղում, լսվում էին միայն կաքավների կանչերն ու արտույտների գեղգեղանքները։ Օդը հագեցված էր յասամանի բույրով, ու երբ Գրեհեմն անցավ հոտավետ թփուտներով, լսեց Լեռնցու կոկորդային կանչը և Ֆոզրինգթոնյան Արքայադստեր արծաթե խրխինջը որպես պատասխան։

Ինչո՞ւ է ինքն այստեղ, և ինչո՛ւ է իր տակ Դիկ Ֆորրեսթի նժույգը, յուրովի հարցնում էր Գրեհեմը, ինչու դեռ չի գնում կայարան, որպեսզի նստի հենց առաջին գնացքը, որ գտել էր չվացուցակում։ Եվ նա ցավով պատասխանեց ինքն իրեն, որ այդ տատանումները, մտքերում և արարքներում այդ տարօրինակ անվճռականությունը նորություն են։ Եվ, ի դեպ, այստեղ նա ասես ողջ էությամբ բռնկվեց, նրան տրված է միայն մի կյանք, և աշխարհում էլ միայն մի այդպիսի կին կա։

Նա մի կողմ քաշվեց, որպեսզի ճանապարհ տա անգորական այծերի հոտին։ Հոտում մի քանի հարյուր էգ կար. բասք հովիվները դանդաղ քշում էին նրանց ու հաճախ թողնում էին հանգստանալու, որովհետև ամեն մի էգ այծի կողքից ուլիկ էր վազում։ Փարախի ցանկապատից նա տեսավ նորածին մտրուկներով մայրերի և, լսելով նախազգուշական բացականչությունը, անմիջապես թեքվեց դեպի հարևան արահետը, որպեսզի չմխրճվի մոտ երեսուն մատակների երամակի մեջ, որոնց ինչ-որ տեղ էին քշում։ Նրանց հուզմունքից վարակվեցին կալվածատան այդ մասի բոլոր բնակիչները, օդը լցվեց ականջ ծակող, կանչող ու պատասխանող խրխինջով։ Այդքան մրցակիցների ներկայությունից ու ձայներից կատաղած Լեռնցին դես ու դեն էր նետվում փարախում և նորից թնդացրեց իր առնական կանչը, ասես կամենալով համոզել բոլորին, որ ինքը աշխարհում երբևէ գոյություն ունեցած ամենաուժեղ ու հիանալի հովատակն է։

Անսպասելիորեն Գրեհեմին մոտեցավ Քմահաճին հեծած Դիկ Ֆորրեսթը։ Նա փայլում էր հիացմունքից, որ իր տնօրինության տակ գտնվող արարածների մեջ այդպիսի փոթորիկ է սկսվել։

— Բնությունն է կանչում։ Բնությո՜ւնը,— ասաց նա ծոր տալով, Գրեհեմին բարևելուց հետո, և պահեց իր ձին, թեև դա հազիվ կոչվեր պահել. ոսկե-շիկահեր գեղեցկուհի նժույգը անդադար պարում էր նրա տակ, դունչը պարզելով մերթ նրա, մերթ Գրեհեմի ոտքին և, անհաջողությունից բորբոքված, կատաղությամբ փորփրում էր հողը սմբակով ու քացի էր տալիս մեկ, երկու անգամ, տասն անգամ։

— Այդ երիտասարդներն, իհարկե, սարսափելի չարացնում են Լեռնցուն,— ծիծաղելով ասաց Դիկը։— Դուք գիտե՞ք նրա երգը։ «Ունկնդրեցե՜ք ինձ։ Ես Էրո՜սն եմ։ Ես ոտնատակ եմ տալիս բլուրները։ Իմ ձայնով լի են լայնարձակ հովիտները։ Զամբիկները լսում են ինձ իրենց խաղաղ արոտավայրերում և ցնցվում են հուզմունքից, քանզի ճանաչում են ինձ։ Հողտ բերրի է, և հյութով են լի ծառերը։ Դա գարունն է, իմն է գարունը։ Ես արքան եմ գարնանային իմ արքայության մեջ։ Զամբիկները հիշում են իմ ձայնը, որն ապրել է նրանց մայրերի արյան մեջ։ Ունկնդրեցե՜ք։ Ես Էրոսն եմ։ Ես ոտնատակ եմ տալիս բլուրները, և որպես մունետիկներ, հովիտները տարածում են իմ ձայնը՝ լուր տալով իմ ժամանման մասին»։

Գլուխ XIX

Հորաքրոջ մեկնումից հետո Պաոլան իրագործեց իր սպառնալիքը, և հյուրերը հեղեղեցին տունը։ Ասես, նա հիշում էր բոլոր նրանց մասին, ովքեր վաղուց էին սպասում հրավերի, և կալվածքից ութ մղոն հեռավորության վրա գտնվող կայարանից հյուրերին դիմավորող լիմուզինը հազվադեպ էր դատարկ վերադառնում։ Եկողների մեջ կային երգիչներ, նկարիչներ ու ընդհանրապես արիստոկրատ հասարակություն, ինչպես նաև աղջիկների երամ՝ երիտասարդների անխուսափելի շքախմբով։ Մեծ տան բոլոր սենյակներն ու միջանցքները լիքը լցված էին մայրիկներով, մորաքույրերով և տարիքն առած բարեկամներով, իսկ զբոսանքների ժամանակ նրանք մի քանի մեքենա էին զբաղեցնում։

Գրեհեմն ինքն իրեն հարցնում էր. արդյո՞ք Պաոլան միտումնավոր չի իրեն շրջապատում այսպիսի ամբոխով։ Իվենը վերջնականապես ձեռք էր քաշել գրքից, նախաճաշից առաջ լողում էր ամենակրակոտ լողորդների հետ, մասնակցում էր շրջակայքում կատարվող ձիերով զբոսանքներին և բոլոր մյուս զվարճություններին, որոնք կազմակերպվում էին տանը ու տնից դուրս։

Արթնանում էին վաղ և պառկում էին ուշ։ Դիկը, որ սովորաբար չէր դավաճանում հյուրերի մեջ հայտնվելու իր սկզբունքներին, մի անդամ բիլիարդանոցոլմ նստեց ողջ գիշեր, մինչև լուսաբաց՝ պոքեր խաղալու։ Գրեհեմը ևս մասնակցում էր խաղին և անքուն գիշերվա համար հատուցում ստացավ, երբ լուսադեմին անսպասելի կերպով խաղացողներին այցելեց Պաոլան՝ նույնպես «սպիտակ գիշերից» հետո, ինչպես նա արտահայտվեց, թեև անքնությունը բնավ չէր ազդել ոչ նրա դեմքի գույնի, ոչ էլ տրամադրության վրա։ Եվ Գրեհեմը ստիպված էր զսպել իրեն, որպեսզի հաճախակի չնայի նրան, երբ նա ոսկեգույն ֆշշացող խառնուրդներ էր պատրաստում հոգնած խաղացողներին պնդացնելու համար, Պաոլայի աչքերը ներս էին ընկել ու պղտորվել։ Նա խաղացողներին ստիպեց վերջ տալ թղթախաղին և աշխատանքից ու նոր զվարճություններից առաջ ուղարկեց լողալու։

Այժմ Պաոլան երբեք միայնակ չէր լինում, և Գրեհեմը ստիպված էր միայն հարել նրան շրջապատող խմբին։ Թեև Մեծ տանն անդադար տանգո ու ֆոքստրոտ էին պարում, սակայն Պաոլան պարում էր հազվադեպ ու այն էլ երիտասարդության հետ։ Ի դեպ, մի անգամ նա Գրեհեմին հրավիրեց հնաոճ մի վալսի, ընդ որում իրենց տեղ տվող երիտասարդներին ասաց.

— Տեսեք, ձեր նախնիները կատարում են անդրջրհեղեղյան մի պար։

Հենց առաջին դարձից հետո նրանք միանգամայն հարմարվեցին իրար։ Պաոլան այն առանձնահատուկ նրբազգացողությամբ, որը նրան դարձնում էր այդքան բացառիկ նվագակցող ու հեծյալ, ենթարկվեց իր ասպետի տիրական շարժումներին, և շուտով դիտողներին սկսեց թվալ, որ հը՜ րանք երկուսն էլ միացյալ մի մեխանիզմի մասեր են։ Մի քանի դարձից հետո, երբ Գրեհեմն զդաց, որ Պաոլան ամբողջ էությամբ տրվում է պարին, և իրենց ռիթմերը կատարելապես համընկնում են, որոշեց վարձել տարբեր պարաձևեր ու ռիթմիկ դադարներ։ Թեև նրանց ոտքերը հատակից չէին կտրվում, սակայն վալս պարող այղt ղռւյգը կարհես սավառնում էր։ Դիկը գոչեց.

— Տեսե՜ք։ Լողո՜ւմ են։ Թռչո՜ւմ են։

նրանք պարում էին հէՍալոմեի վալսի» տակ ու, դանդադ մարող հնչյունների հետ, վերջապես, կանգ առան։

Բառերն ավելորդ էին։ Լուռ, առանց իրար նայելու, նրանք միացան խմբին ու լսեցին, թե ինչպես Դիկը հայտարարեց,

— Հե՜յ, դեղնակտուց ջահելներ, ճտեր և այլ պստլոներ... Տեսա՞ք, թե ինչպես ենք պարում մենք՝ ծերուկներս։ Ես դեմ չեմ նոր պարերին, նկատի ունեցեք, դրանք գեղեցիկ են ու նրբագեղ, բայց ես կարծում եմ, որ վնաս չէր լինի, եթե վալս պարել էլ սովորեիք։ Թե չէ, հենց որ սկսում եք, մարդ ուղղակի ամաչում է։ Մենք՝ ծերուկներս էլ ինչ֊որ բան կարողանում ենք անել, չէր խանգարի, եթե դուք էլ կարողանայիք։

— Օրինա՞կ,— հարցրեց օրիորդներից մեկը։

— Շատ լավ, հիմա կասեմ։ Թող երիտասարդներից բենզինի հոտ էլ գա, դա դեռ ոչի՜նչ...

Բողոքի պայթյունը մի պահ խլացրեց Դիկի ձայնը։

— Ես գիտեմ, թե իմ վրայից ինչի հոտ է գալիս,— շարունակեց նա։— Բայց դուք բոլորդ էլ դավաճանել եք տեղից-տեղ գնալու հինավուրց սքանչելի միջոցներին։ Ձեր մեջ մի օրիորդ չի լինի, որը կարողանա քայլելու հարցում մրցել Պաոլայի հետ, իսկ ես ու Գրեհեմը այնպես կլարենք ուզածդ երիտասարդին, որ նա առանց ոտքերի կմնա։ Օ՜հ, ես գիտեմ, դուք զանազան մեքենաներ վարելու վարպետներ եք, բայց ձեզնից ոչ ոք չի կարող ինչպես հարկն է նստել իսկական նժույգի վրա։ Իսկ մի զույգ արշավաձի կառավարելը բոլորովին ձեր բանը չէ։ Ասենք, ձեզնից քանի՞ հոգի, որոնք այդքան հաջողությամբ փակ ծովախորշերում վարում են իրենց մոտորային նավակները, կարող են նաև բռնել հնաոճ երկկայմանավի կամ թիանավակի ղեկն ու բարեհաջող դուրս գալ բաց ծով։

— Բայց և այնպես, մենք կարողանում ենք գնալ այնտեղ, որտեղ ուզենանք,— առարկեց նույն օրիորդը։

— Չեմ ժխտում,— պատասխանեց Դիկը։— Բայց ոչ միշտ է, որ դա գեղեցիկ եք անում։ Ահավասիկ, այսպիսի մի իրադրություն, որը ձեզ համար բոլորովին անհասանելի է. պատկերացրեք Պաոլային, որը քառաձի կառքով, սանձերը պահած, ոտքն էլ արգելակին, սլանում է լեռնային ճանապարհով։

Մի շոգ առավոտ, մեծ բակի զով կամարաշարի տակ նստած ամսագիր կարդացող Գրեհեմի շուրջը հավաքվեցին մի քանի հոգի, դրանց մեջ նաև Պաոլան։ Նրանց հետ մի քիչ խոսելուց հետո Դրեհեմը դարձյալ շարունակեց ընթերցանությունը և այնպես տարվեց, որ բոլորովին մոռացավ շրջապատողներին, մինչև որ հանկարծ զգաց շուրջը տիրող լռությունը։ Նա հայացքը վեր բարձրացրեց։ Մնացել էր միայն Պաոլան։ Մյուսները ցրվել էին. բակի մյուս կողմից լսվում էր միայն նրանց ծիծաղը։ Բայց ի՞նչ է պատահել Պաոլային։ Գրեհեմին ապշեցրեց նրա դեմքի ու աչքերի արտահայտությունը։ Պաոլան անթարթ նայում էր նրան. հայացքում կասկածանք կար, մտահոգություն, գրեթե սարսափ. բայց և այնպես, այդ կարճ, ակնթարթում Գրեհեմը հասցրեց նկատել, որ նրա խորազնին հայացքը ինչ֊որ բան էր հայցում. այդպիսի հայցող հայացք կունենար այն մարդը, որի առջև բացված է ճակատագրի գիրքը։ Հետո Պաոլայի թարթիչները դողդողացին ու հակվեցին, իսկ այտերին իջավ շառագույնը. դրանում կասկած լինել չէր կարող։ Նրա շուրթերը երկու անգամ ցնցվեցին, ասես ջանում էր ինչ֊որ բան ասել, բայց, հանկարծակիի եկած, չէր կարողանում հավաքել մտքերը։

Գրեհեմը նրան դուրս բերեց այդ ծանր վիճակից, անվրրդով հարցնելով.

— Գիտեք, ես կարդում եմ դը Վրիեին. ինչպե՜ս է նա փառաբանում Լյութեր Բերբանքի աշխատանքները, իմ կարծիքով Դիկը ընտանի կենդանիների ասպարեզում կատարում է նույնպիսի դեր, ինչպես Բերբանքը՝ բուսական աշխարհում։ Դուք այստեղ ուղղակի կյանք եք ստեղծում՝ կենդանի նյութից նոր, օգտակար ու գեղեցիկ ձևերի ծնունդ տալով։

Մինչ այդ իրեն տիրապետած Պաոլան ծիծաղեց, հաճույքով ընդունելով այդ գովասանքը։

— Ու երբ ես դիտում եմ այն ամենը, ինչին դուք հասել եք այստեղ,— մեղմ լրջությամբ շարունակեց Գրեհեմը,— մնում է միայն ափսոսալ իմ ապարդյուն մխսված երիտասարդության համար։ Ինչո՞ւ որևէ բան չստեղծեցի կյանքում։ Ես զարհուրելի նախանձում եմ ձեզ երկուսիդ։

— Մենք իսկապես պատասխանատու ենք բազմաթիվ արարածների լույս աշխարհ գալու համար,— ասաց Պաոլան։— Մարդու սիրտը կանգ է առնում, երբ մտածում ես այդ պատասխանատվության մասին։

— Այո, այստեղ պտղաբերության իսկական թագավորություն է,— ժպտաց Գրեհեմը,— կյանքի ծաղկումն ու պտղատվությունը դեռ երբեք չի ապշեցրել ինձ։ Ամեն բան այստեղ բարգավաճում է և բազմանում։

— Գիտեք,— ընդհատեց նրան Պաոլան, տարվելով հանկարծ ճառագայթված մտքից,— ես ցույց կտամ ձեզ իմ ոսկե ձկնիկներին։ Ես նրանց բազմացնում եմ, և գիտե՞ք, առևտրական նպատակներով։ Սան֊Ֆրանցիսկոյի վաճառականներին մատակարարում եմ ամենահազվագյուտ տեսակներով, և նույնիսկ Նյու֊Յորք էլ եմ ուղարկում։ Կարևորն այն է, որ դա ինձ եկամուտ է բերում, ինչպես նշված է Դիկի հաշվեմատյաններում, իսկ նա շատ խիստ հաշվապահ է։ Տանը մի մուրճ անգամ չկա, որը գույքագրված չլինի, ոչ մի մեխ, որը նա հաշվի առած չլինի։ Ահա թե ինչու է նա այդքան հաշվապահներ ու հաշվետարներ պահում։ Նա այնքան, է առաջ գնացել, որ հաշվումների ժամանակ նկատի է ունենում նույնիսկ ձիու թեթև տկարությունը կամ կաղությունը։ Այսպիսով, սարսափեցնող մի շարք թվերի հիման վրա նա դուրս է բերել բեռնակիր ձիու աշխատաժամի արժեքը մեկ հազարերորդական սենթի ճշտությամբ։

— Այո՜, իսկ ձեր ոսկե ձկնիկնե՞րը,— հիշեցրեց Գրեհեմը, որ գրգռվել էր նրա՝ ամուսնու մասին այդքան հաճախակի հիշատակություններից։

— Այնպես որ, Դիկը իր հաշվապահներին ստիպում է նույնքան ճշտությամբ հաշվի առնել նաև իմ ոսկե ձկնիկներին։ Դրանց վրա ծախսված յուրաքանչյուր աշխատաժամի համար, դա լինի տանը կամ կալվածքում, ընդունված ձևով հաշիվ է կազմվում, որտեղ մտնում են նաև գրենական պիտույքների ու նամականիշերի ծախսերը։ Ես տոկոսներ եմ վճարում տարածության և գույքի դիմաց։ Դիկը նույնիսկ ջրի ծախսն է գանձում ինձնից, կարծես ես տանտեր լինեմ, իսկ նա ջրմուղային տնտեսություն։ Այնուամենայնիվ, ինձ մնում է տասը, իսկ երբեմն էլ երեսուն տոկոսի շահույթ։ Բայց նա ծիծաղում է վրաս ու պնդում, որ եթե կառավարիչի, այսինքն՝ իմ աշխատավարձն էլ հանենք, ապա բանից կպարզվի, որ շատ քիչ եմ շահում, գուցե և աշխատում եմ վնասով, որովհետև ստացված եկամուտով չեմ կարող վարձել այդքան լավ կառավարիչ։ Ահա թե ինչու են Դիկին հաջողվում բոլոր նախաձեռնությունները։ Իհարկե, փորձարկումները չհաշված, նա սովորաբար ոչինչ չի նախաձեռնում, մինչև որ չափազանց ճիշտ կերպով չպարզի, մինչև աննշան մանրամասները, թե դա ինչ կնստի իր վրա։

— Դիկը շատ ինքնավստահ է,— նկատեց Գրեհեմը։

— Ես չեմ տեսել մի այնպիսի մարդու, որն այդ աստիճան ինքնավստահ լինի,— ջերմորեն հաստատեց Պաոլան։— Բայց և չեմ տեսել որևէ մեկին, որն այդ առիթով ավելի իրավունք ունենար, քան Դիկը։ Ես ախր լավ եմ ճանաչում նրան։ Նա հանճար է, թեև այդ բառի ոչ սովորական իմաստով, որովհետև այդպիսի հավասարակշռությունը, չափավոր լինելը, որքան նա, ոչ մի հանճարեղության հետ համատեղելի չեն։ Այդպիսի մարդիկ հանդիպում են ավելի հազվադեպ, քան իսկական հանճարները, և այդ մարդիկ ավելի բարձր են։ Այդպիսին է եղել, իմ կարծիքով, Աբրահամ Լինքոլնը։

— Պետք է խոստովանեմ, որ ոչ լրիվ եմ ձեզ հասկանում,— նկատեց Գրեհեմը։

— Օ՜հ, ես բնավ չեմ ուզում ասել, թե Դիկը նույնքան մեծ է, որքան Լինքոլնը,— աճապարանքով ասաց նա։— Մի՞թե կարելի է համեմատել։ Դիկը կորովի մարդ է, բայց դա, իհարկե, այն չէ։ Ես ուզում եմ ասել, որ նրանց երկուսի մոտ էլ բացառիկ հավասարակշռություն և չափավորության արտահայտություն կա։ Օրինակ՝ ես, թույլ տվեք ասել, հանճար եմ, որովհետև ամեն բան անում եմ, չիմանալով, թե ինչպես եմ անում։ Ուղղակի անում եմ։ Հենց այդպես էլ ինչ-որ արդյունքի եմ հասնում երաժշտության մեջ։ Թեկուզ սպանեք, չեմ կարողանա բացատրել, թե այդ ամենն ինչպես է ստացվում, ինչպես եմ սուզվում կամ ցատկում ջրի մեջ, կամ մեկուկես դարձ կատարում։

Դիկը, ընդհակառակը, ոչինչ չի սկսի, մինչև որ չպարզի, թե ինչպես պետք է անի։ Նա ամեն բան անում է մտածված ու սառնարյուն։ Նա ամբողջությամբ, բոլոր առումներով՝ հրաշք է, թեև ոչ մի առանձին բնագավառում որևէ հրաշալի բան չի ստեղծել։ Օ՜հ, ես ճանաչում եմ նրան։ Երբեք որևէ մարզաձևում ախոյան չի եղել, ոչ մի ռեկորդ չի սահմանել. սակայն միջակություն էլ չի եղել։ Նա այդպես է ցանկացած բնագավառում, լինի դա ինտելեկտուալ, թե հոգևոր։ Նա լրիվ միատեսակ օղակներ ունեցող շղթայի նման է, ոչ մի օղակ առավեղ ծանր կամ առավել թեթև չէ։

— Վախենում եմ, թե ես ավելի շուտ նման եմ ձեզ,— ասաց Գրեհեմը,— ես էլ եմ պատկանում առավել սովորական ու ոչ լիարժեք հանճարների թվին։ Ես էլ եմ տաքանում, կատարում եմ անսպասելի արարքներ և երբեմն էլ պատրաստ եմ խոնարհվել գաղտնիքի առաջ։

— Իսկ Դիկը ատում է խորհրդավոր ամեն բան, կամ, համենայն դեպս, ձևացնում է, թե ատում է։ Եվ նա չի բավարարվում լոկ այնքանով, որ իմանա ինչպես, միշտ պրպտում է, թե ինչու հատկապես այդպես, և ոչ թե մի այլ կերպ։ Հանելուկները բարկացնում են նրան։ Ներգործում են այնպես, ինչպես կարմիր կտորը՝ ցլի վրա։ Նա միշտ ուզում է հանելուկայինի վրայից պոկել քողը, մերկացնել գաղտնիքի հենց սիրտը և իմանալ ինչպես և ինչու, որպեսզի գաղտնիքն այլևս գաղտնիք չլինի, այլ մի փաստ, որը կարելի է ընդհանրացնել ու գիտական բացատրություն տալ։

Երեք հիմնական գործող անձանց վիճակը ավելի էր բարդանում, բայց շատ բան դեռ թաքնված էր յուրաքանչյուրից։ Գրեհեմը չգիտեր, թե ինչպիսի ջանքեր է գործադրում Պաոլան, որպեսզի պահպանի ամուսնու հետ իր մտերմությունը, իսկ ամուսինը, իր հերթին, մինչև կոկորդը զբաղված լինելով անհամար փորձարկումներով ու նախագծերով, ավելի հազվադեպ էր լինում հյուրերի հետ։ Նա անփոփոխ կերպով հայտնվում էր երկրորդ նախաճաշից առաջ, բայց հազվադեպ էբ մասնակցում զբոսանքներին։ Մեքսիկայից ստացված բազմաթիվ գաղտնագրված հեռագրերից Պաոլան կռահեց, որ «Հարվեսթի խմբի» հանքերի գործը բարդանում է։ Նա տեսնում էր նաև, որ Դիկի մոտ են գալիս, այն էլ բոլորովին անսպասելի պահերի, Մեքսիկայում օտարերկրյա կապիտալի գործակալներն ու ներկայացուցիչները։ Դիկը բողոքում էր, որ նրանք թույլ չեն տալիս նույնիսկ շունչ քաշել, բայց երբեք մի բառ անգամ չասաց այդ այցելությունների դրդապատճառների մասին։

— Մի՞թե դու չես կարող թեկուզ շատ չնչին ազատ ժամանակ ունենալ,— հոգոց հանելով մի առավոտ ասաց Պաոլան, երբ, վերջապես, հաջողվեց ժամը տասնմեկին միայնակ բռնացնել Դիկին։ Պաոլան նստել էր նրա գրկում և քնքշորեն մեղմվել ամուսնուն։

Ճիշտ է, Դիկը ինչ-որ նամակ էր թելադրում դիկտոֆոնին, և Պաոլան իր այցելությամբ խանգարեց նրան. իսկ Պաոլան հոգոց հանեց այն պատճառով, որ լսեց Բոնբրայթի նրբանկատ հազը, քարտուղարը ներս էր մտել հեռագրերի մի կույտ ձեռքին։

— Ուզո՞ւմ ես, այսօր քեզ զբոսանքի տանեմ Դադդիով ու Ֆադդիով։ Կգնանք միայն ես ու դու,— շարունակեց Պաոլան աղերսող երանգով։

Դիկը շարժեց գլուխն ու ժպտաց։

— Նախաճաշից առաջ դու մի շատ հետաքրքիր հավաքույթ կտեսնես,— հայտարարեց նա։— Կարիք չկա, որ մյուսներն իմանան, բայց քեզ կասեմ։— Նա ձայնն իջեցրեց, իսկ Բոնբրայթը համեստորեն խոնարհեց աչքերն ու զբաղվեց քարտարանով։— Նախ՝ ահագին մարդիկ կլինեն «Թեմփիկո» նավթահանքերից. «Նասիսկոյի» դիրեկտոր Սեմյուելը՝ անձամբ, հետո Ուիշահարը՝ Պիրսոն֊Բրուքյան ընկերության հոգին, հիշո՞ւմ ես, այն կտրիճը, որը կազմակերպեց Արևելյան ծովեզրի և Թիուան-Սենթրալի երկաթուղիների գնման գործը, երբ նրանք փորձում էին պայքարել «Նասիսկոյի» դեմ։ Մաթյուսոնն էլ կշինի՝ «Մեծ առաջնորդը», Ատլանտյան օվկիանոսի այս կողմերում Փալմերսթոնի շահերի գլխավոր ներկայացուցիչը, գիտե՞ս, այն անգլիական ֆիրմայի մասին է խոսքը, որն այդպես կատաղորեն պայքարում էր «Նասիսկոյի» և Պիրսոն֊Բրուքսների դեմ. ուրիշներն էլ կլինեն։ Ուստի և դու պետք է հասկանաս, թե որքան անբարենպաստ են գործերը Մեքսիկայում, եթե բոլոր այդ պարոնները պատրաստ են մոռանալ իրենց գզվռտուքի մասին և խորհրդակցության նստել իրար հետ։

Նրանց տնօրինության տակ, ուրեմն, նավթն է, բայց ես էլ ինչ-որ բան ներկայացնում եմ, այդ իսկ պատճառով կամենում են, որպեսզի իմ շահերը համադրեմ նրանց շահերի հետ՝ հանքերը նավթի հետ։ Այո, զգացվում է, որ ինչ-ինչ երևույթներ են հասունանում, և մենք, իսկապես, պետք է միավորվենք ու ինչ-որ բան ձեռնարկենք կամ դուրս կորչենք Մեքսիկայից։ Խոստովանում եմ, այն բանից հետո, երբ երեք տարի առաջ, նշանավոր խառնակության ժամանակ, նրանք խարդախեցին, ես թքեցի վրաներն ու քաշվեցի հեռու. հավանաբար, հենց այդ պատճառով էլ հիմա իրենք են չհայտնվել այստեղ։

— Այսպես, ուրեմն,— ավելացրեց նա, Պաոլային գրկելով ու ասես դրանով հասկացնելով, որ ժամանակն սպառված է, և կինը պետք է հեռանա,— ցերեկը ես նրանցով զբաղված կլինեմ։ Բայց ճաշին ոչ ոք չի մնա. ճաշից առաք բոլորն էլ կգնան։

Պաոլան ցած սահեց նրա ծնկներից ու ազատվեց գրկից արտառոց մի սրտնեղությամբ, կանգնեց ամուսնու դիմաց ու ձգվեց։ Պաոլայի աչքերը փայլում էին, դեմքը գունատվել էր և այնպիսի արտահայտություն ուներ, ասես ուր֊որ է իրեն կկորցնի ու ինչ-որ շատ կարևոր մի բան կասի։ Բայց լսվեց մի մեղմ վնգոց, և Դիկը մոտեցավ հեռախոսին։ Պաոլան խոնարհեց գլուխը, անլսելի հոգոց հանեց և, սենյակից դուրս գալով, լսեց, թե ինչպես Բոնբրայթը փութկոտությամբ, հեռագրերը ձեռքին, մոտեցավ սեղանին, իսկ Դիկը խոսեց լսափողի մեջ.

  • Ոչ։ Դա անհնարին է։ Թող ամեն բան կատարի, այլապես վատ կլինի։ Այդ ջենտլմենական բանավոր համաձայնությունները հիմարություններ են։ Եթե միայն բանավոր պայմանավորվածություն լիներ, ապա վիճելու հարկ չէր լինի։ Բայց ես ձեռքիս տակ մի շատ հետաքրքիր նամակագրություն ունեմ, որի մասին նա, երևի, մոռացել է... այո, այո... ուզած դատարանը կհաստատի։ Հենց այսօր, մոտ ժամը հինգին ես կուղարկեմ ձեզ բոլոր նամակները։ Եվ նրան ասացեք, որ եթե մտքով զանազան ֆոկուսներ անցնենք ապա ես նրան ոչխարի եղջյուրի պես կծռեմ, ինքս կզբաղվեմ նավատիրոջ հետ, կդառնամ նրա մրցակիցը, և մեկ տարի հետո նրա շոգենավերը կլինեն դատական կատարածուի ձեռքերում... Ալլո։ Դուք լսո՞ւմ եք... Եվ հատկապես ուշադրություն դարձրեք այն կետի վրա, որի մասին ձեզ ասել եմ... Համոզված եմ, որ Միջնահանգային առևտրական կոմիտեում նրա վրա արդեն երկու գործ կա...

Ոչ Գրեհեմը, ոչ էլ նույնիսկ Պաոլան չէին ենթադրում, որ իր խելքով և դիտողականությամբ, ինչպես նաև գրեթե անորսալի նշաններից ու ակնարկներից ապագան կանխագուշակելու և դրանց հիման վրա կռահումներ ու հիպոթեզներ կառուցելու յուրահատուկ շնորհքով օժտված Դիկը, կռահումներ ու հիպոթեզներ, որոնք, հաճախ էին հետագայում իրականանում, արդեն զգում էր այն, ինչ դեռ տեղի չէր ունեցել, և ինչը կարող էր պատահել։ Դիկը չէր լսել կաղնու տակ, ձիացցերի մոտ ասված Պաոլայի կարճ ու հիշարժան խոսքերը, չէր տեսել Գրեհեմին հառած նրա քննախույզ հայացքը, երբ նրանք հանդիպեցին կամարաշարի տակ, Դիկը ոչինչ չէր լսել, տեսել էր շատ քիչ բան, բայց զգում էր ավելին, և նույնիսկ այն, ինչ ապրում էր Պաոլան. նա աղոտ կերպով որսացել էր ավելի վաղ, քան ինքը՝ կինը։

Միակ բանը, որ կարող էր տագնապ առաջացնել, այն երեկոն էր, երբ նա, թեև տարված էր բրիջով, այնուամենայնիվ նկատեց, թե որքան աճապարանքով նրանք հեռացան դաշնամուրից իրենց զուգերգը կատարելուց հետո։ Պաոլայի ուրախ ու կայտառ դեմքին, երբ ժպտալով սկսեց ծաղրել Դիկի պարտությունը, նա ինչ-որ արտառոց բան նկատեց։ Կնոջը նույն ուրախ տոնով պատասխանելիս, նա ծիծաղող աչքերի հայացքը սահեցրեց Պաոլայի մոտ կանգնած Գրեհեմի դեմքին ու նկատեց, որ նա ևս ունի ինչ-որ տարօրինակ արտահայտություն։ «Նա շատ է հուզված,— մտածեց Դիկն այդ պահին։— Բայց ինչո՞ւ։ Արդյո՞ք որևէ կապ կա նրա հուզմունքի և այն բանի մեջ, որ Պաոլան հանկարծակի հեռացավ դաշնամուրից»։ Այդ հարցերն աննահանջ պտտվում էին նրա գլխում, բայց Դիկը շարունակում էր ծիծաղել հյուրերի կատակների վրա, խառնում ու բաժանում էր խաղաթղթերը և նույնիսկ մի անգամ էլ շահեց խաղը։

Սակայն նա շարունակում էր ինքն իրեն համոզել, թե որքան անհեթեթ ու խելքից դուրս բան է այն, ինչ թվացել է իրեն։ Հիմա՜ր ենթադրություն, խենթավուն, ոչ մի հիմք չունեցող մի՜տք, ասում էր նա յուրովի։ Բայց և այնպես նա չկարողացավ այդ մտքերին արգելել երբեմն֊երբեմն դուրս չլողալ գիտակցության մեջ։ Ինչո՞ւ նրանք, այնուամենայնիվ, այն երեկո այդպես հանկարծակի ընդհատեցին երգը։ Եվ ինչո՞ւ նրան թվաց, թե ինչ֊որ արտակարգ բան է տեղի ունեցել։ Ինչո՞ւ էր Գրեհեմը այդպես հուզվել։

Մի առավոտ, հեռագրի տեքստ կազմող Բոնբրայթն էլ չկռահեց, որ պատահական չէր, երբ իր շեֆը մերթ ընդ մերթ մոտենում էր լուսամուտին և արտաքուստ ցրված մի հայացք նետում ձիացցերին մոտեցող խմբի վրա։ Եվ այսօր դարձյալ ինքն իրեն ասաց, որ նախապես գիտե, թե հիմա ում է տեսնելու։

— «Բրեքսթոնը լիակատար անվտանգության մեջ է,— շարունակեց թելադրել նույն անվրդով ձայնով, նայելով այնտեղ, որտեղից հայտնվելու էին հեծյալները,— եթե որևէ բան լինի, նա կարող է լեռներով անցնել Արիզոնա։ Անմիջապես հանդիպեցեք Քոննորսին։ Բրեքսթոնը նրա համար թողել է բոլոր հրահանգները։ Քոննորսը վաղը Վաշինգտոնում կլինի։ Տեղեկացեք ու ինձ հաղորդեք ամբողջ անցուդարձի մանրամասները։ Ստորագրություն»։

Ճանապարհի վրա երևացին Եղնիկն ու Ալթադենը։ Նրանք արշավում էին գլուխ գլխի։ Դիկը չէր սխալվում, նա տեսավ հատկապես այն, ինչ սպասում էր։ Նրան հասնող ուրախ բացականչությունները, ծիծաղն ու սմբակների ձայները հուշում էին, որ առաջին երկու հեծյալների հետևից անմիջապես գալիս է ամբողջ խումբը։

— Երկրորդ հեռագիրը, միստբ Բոնբրայթ, խնդրում եմ կազմեք մեր ծածկագրով,— անվրդով շարունակեց Դիկը, միևնույն ժամանակ լուսամուտից դուրս նայելով ու մտածելով այն մասին, որ Գրեհեմը ձի է նստում ոչ այնքան վատ, բայց բնավ էլ ոչ փայլուն, և որ անհրաժեշտ է նրան ավելի ծանր ձի տալ։— Այդ հեռագիրն ուղարկեցեք Ջերեմի Բրեքսթոնին։ Ուղարկեցեք երկու գծերով միաժամանակ։ Գոնե գծերից մեկով տեղ կհասնի...

Գլուխ XX

Հյուրերը դարձյալ քաշվեցին, և նախաճաշի ու ճաշի հաճախ նստում էին միայն երեքով՝ տանտերերն ու Գրեհեմը։ Բայց այն երեկոները, երբ տղամարդիկ կամենում էին դարձյալ մի ժամ զրուցել քնելուց առաջ, Պաոլան այլևս չէր նվագում քնքուշ ու հոգեզմայլ երաժշտություն, այլ նրանց մոտ նստած, զբաղվում էր որևէ նրբաճաշակ ասեղնագործով ու ականջ դնում զրույցին։

Ընկերներն ընդհանուր բան շատ ունեին, երիտասարդական տարիները նրանք բազում առումներով միատեսակ էին անցկացրել, կյանքի նկատմամբ նրանց տեսակե տները համընկնում էին։ Նրանց կենսական փիլիսոփայությունը ավելի շուտ աչքի էր ընկնում դաժանությամբ, քան սենտիմենտալությամբ. նրանք իրապաշտներ էին։

— Դե, իհարկե,— ծիծաղելով ասաց Պաոլան։— Ես հասկանում եմ, թե դուք ինչու եք այդպիսին։ Դուք երկուսդ էլ հաջող եք ստացվել, ուզում եմ ասել ֆիզիկապես։ Առողջ եք։ Տոկուն։ Կարողացել եք ապրել այնտեղ, որտեղ ավելի թույլերը զոհվել են։ Նույնիսկ աֆրիկական տենդը չի կարողացել կոտրել ձեզ, իսկ ձեր ընկերներին թաղել եք։ Քրիփլ-Քրիկում այն խեղճ մարդը թոքաբորբով հիվանդացավ ու այնքան շուտ մեռավ, որ դուք չհասցրիք նույնիսկ հովուտ իջեցնել նրան։ Իսկ ինչո՞ւ դուք չհիվանդացաք։ Որովհետև ավելի՞ լավն էիք, թե՞ առավել զուսպ կյանք էիք վարում։ Թե՞ զգուշանում էիք և քիչ էիք ոտք մեկնում։— Նա շարժեց գլուխը։— Ոչ։ Դա չէ պատաճառը։ Պատճառն այն է, որ ձեր բախտը ավելի է բերել, բախտը բերել է և՛ միջավայրի, որտեղ դուք ծնվել եք, և՛ առողջության, օրգանիզմի դիմադրողականության ու այլ հանգամանքների իմաստով։ Ինչո՞ւ Դիկը Գվայաքիլում թաղեց երեք նավագնացների ու երկու մեքենավարների։ Նրանց տարավ դեղին տենդը։ Իսկ ինչո՞ւ դեղին տենդը ավելի չտարածվեց ու Դիկին էլ չտարավ։ Այս նույն բաները կարելի է ասել նաև ձեր հասցեին, լայնաթիկունք և ամրակուրծք միստր Գրեհեմ։ Չէ՞ որ ձեր վերջին ուղևորության ժամանակ ճահճի մեջ խեղդվեց լուսանկարիչը և ոչ թե դուք։ Ինչո՞ւ։ Ասացեք։ Խոստովանեք։ Քանի՞ կիլո քաշ ուներ նա։ Ուսերի լայնքը որքա՞ն էր։ Թոքերն ինչպե՞ս էին։ Քթանցքնե՞րը։ Ո՞ւժը...

— Նրա քաշը հարյուր երեսունհինգ ֆունտ էր,— խեղճացած պատասխանեց Գրեհեմը,— բայց շատ առողջ ու ամուր էր թվում։ Հավանաբար, ես բոլորից շատ զարմացա, երբ նա խեղդվեց։— Գրեհեմը գլուխը շարժեց։— Եվ նա խեղդվեց բնավ էլ ոչ այն պատճառով, որ փոքր էր ու նվազ։ Փոքրամարմին մարդիկ մյուս միևնույն պարագաներում առավել դիմացկուն են։ Բայց դուք, համենայն դեպս, ճիշտ նշեցիք գլխավոր պատճառը։ Նա տոկուն չէր, դիմադրողականություն չուներ։ Դիկ, հասկանո՞ւմ եք, թե ես ինչը նկատի ունեմ։

— Դա մկանների ու սրտի ինչ-որ արտակարգ հատկություն է, որը, օրինակ, բռնցքամարտիկներից ոմանց հնարավորություն է տալիս իրար վրա քսան, երեսուն, քառասուն ռաունդ դիմանալ,— նկատեց Դիկը։— Հենց հիմա էլ, Սան-Ֆրանցիսկոյում մի քանի հարյուր պատանիներ երազում են ռինգում հաղթանակ տանել։ Ես հետևել եմ, թե նրանք ինչպես են փորձում իրենց ուժերը։ Բոլորն էլ հիանալի կազմվածք ունեն, երիտասարդ են, առողջ, բոլորն էլ համառորեն ձգտում են հաղթանակի, սակայն գրեթե ոչ ոք չի կարողանում դիմանալ տասը ռաունդ։ Ոչ թե ծեծվել, այլ պարզապես չեն դիմացել։ Ըստ երևույթին, նրանց մկաններն ու սիրտը պատրաստված է ոչ առաջնակարգ նյութերից և այդպիսի սրընթաց ու լարված շարժումների ժամանակ նյութերը չեն բավարարում նույնիսկ տասը ռաունդի համար։ Շատերը շնչակտուր են եղել չորրորդ կամ հինգերորդ ռաունդի ժամանակ։ Եվ քառասուն հոգուց ոչ մեկը քսան ռաունդ չի դիմացել, մեկ ժամ շարունակ ընդունելով, ու վերադարձնելով հարվածները, մեկ րոպեանոց հանգստի ու երեք րոպեանոց մարտի պայմաններում։ Քառասուն ռաունդի դիմացող երիտասարդ, այնպիսին, ինչպես օրինակ, Նելսոնը, Հանսը և Վոլգասթը, հազիվ թե կարողանաս գտնել տասը հազարի մեջ։

— Դու հասկանո՞ւմ ես, թե ինչ եմ ուզում ասել,— շարունակեց Պաոլան։— Ահավասիկ, դուք երկուսով եք։ Երկուսդ էլ քառասուն տարեկան։ Երկուսդ էլ անուղղելի մեղավորներ։ Երկուսդ էլ անցել եք հրի ու ջրի միջով։ Ձեր կողքերին ուրիշներն ընկել են ու զոհվել, այն դեպքում, երբ դուք թափառում եք աշխարհում, ապրել եք ձեր հաճույքների համար...

— Այդպիսի բան եղել է...— ծիծաղեց Գրեհեմը։

— Եվ փառավորապես հարբեցողությամբ եք զբաղվել,— ավելացրեց Պաոլան։— Բայց նույնիսկ ալկոհոլը չի այրել ձեզ։ Այդքան ամուր եք։ Ուրիշներն ընկել են սեղանի տակ, վերջացրել են հիվանդանոցով կամ ձգել են ոտքերը, իսկ դուք, երգելով, շարունակել եք ձեր ճանապարհը, ձեր փառապանծ ճանապարհը. ողջ֊առողջ եք մնացել և նույնիսկ խմելուց հետո գլխացավ չեք ունեցել։ Այդքան հաջողակ եք ստացվել։ Ձեր մկանները արյունով հարուստ մկաններ են, և ձեր սիրտն ու թոքերը՝ նույնպես։ Այդ պատճառով էլ ձեր փիլիսոփայությունը «լիարյուն» է, պողպատե ամրություն ունեք և իրապաշտություն եք քարոզում. գործնական իրապաշտություն, ու քայլում եք ավելի թույլերի, ավելի անհաջողակների գլխների վրայով, որոնք չեն համարձակվում պատասխան հարված տալ ու ընկնում են առաջին իսկ գոտեմարտի ժամանակ, ինչպես այն երիտասարդները, որոնց մասին ասաց Դիկը. նրանք մի ռաունդ էլ չէին դիմանա, եթե չափվեին ձեզ հետ։

Դիկը ծաղրանքով սուլեց։

— Ահա թե ինչու եք քարոզում ուժեղների ավետարանը,— շարունակեց Պաոլան։— Եթե թույլ լինեիք, կքարոզեիք թույլերի ավետարանը և դեմ կանեիք ձեր մյուս այտը։ Բայց դուք երկուսով էլ ուժեղ հսկաներ եք, և եթե հարվածեն, մյուս այտը դեմ չեք անի...

— Ոչ,— անվրդով ընդհատեց նրան Դիկը։— Մենք անմիջապես կբղավենք. «Կտրել նրա գլուիւը», և կկտրենք։ Իվեն, նա մեզ շատ լավ է հասկացել։ Մարդու փիլիսոփայությունը, ինչպես նաև նրա կրոնը՝ հենց ինքը մարդն է, որ այն ստեղծում է ըստ իր պատկերի ու նմանության։

Տղամարդիկ շարունակեցին գրուցել, իսկ Պաոլան գործում էր. սակայն նրա առջև աննահանջ կանգնել էին այդ երկու աժդահա տղամարդկանց կերպարանքները։ Պաոլան հիանում էր նրանցով, սքանչանում, բայց իր մեջ չէր գտնում նրանց ինքնավստահությունը և զգում էր, թե ինչպես նրանց հայացքներն ու համոզմունքները, որոնց հետ երկար ժամանակ այնքան համամիտ էր, ասես դրանք իր սեփականն էին, հանկարծ ասես հանգչում են, կորցնում իրենց համոզչականությունը։

Մի քանի օր անց, երեկոյան, նա արտահայտեց իր կասկածները։

— Այս բոլորի մեջ ամենից տարօրինակն այն է,— ասաց նա ի պատասխան Դիկի արած դիտողության,— որ մարդիկ որքան շատ են փլիսոփայում կյանքի մասին, այնքան քիչ են հասկանում կյանքը։ Հարատև փիլիսոփայելը նրանց շփոթության մեջ է գցում, հատկապես կանանց, եթե նրանք մշտապես գտնվում են այդ մթնոլորտում։ Երբ չափից դուրս դատողություններ ես լսում, ապա սկսում ես ամեն բանում կասկածել։ Վերցնենք, օրինակ, Մենդենհոլլի կնոջը, նա լյութերական է և ոչ մի կասկածանք չունի։ Նրա համար ամեն բան պարզ է, ամեն բան գտնվում է իր տեղում, ամեն բան անսասան է։ Նա ոչինչ չգիտե ոչ աստղային անձրևների, ոչ էլ սառցադաշտային դարաշրջանների մասին, իսկ եթե նույնիսկ իմանար, ապա դա ամենաչնչին չափով իսկ չէր փոխի նրա տեսակետը, թե ինչպես պետք է իրենց պահեն տղամարդիկ ու կանայք և՛ այս, և՛ այն աշխարհներում։

Իսկ դուք այստեղ քարոզում եք ձեր ողջախոհ իրապաշտությունը, Թերենսը անտիկ ոգով ինչ-որ անիշխանական-էպիկուրյան պար է կատարում, Հենքոկը թափահարում է բերգսոնյան մետաֆիզիկայի առկայծող շղարշը, Լեոն աղոթում է Գեղեցկության բագինի առաջ, իսկ Դար-Հիալը անվերջ ձեռնածություն է անում իր պարադոքսներով, և դուք էլ նրան խրախուսում եք։ Մի՞թե չեք տեսնում, որ արդյունքում ոչ մի դատողություն չի մնում, որի վրա կարելի լիներ հենվել։ Ճիշտ ոչինչ չկա, ամեն բան կեղծ է։ Զգում ես, որ նավարկում ես գաղափարների ծովում, առանց ղեկի, առանց առագաստների, առանց քարտեզի։ Ինչպե՞ս վարվել։ Զսպվա՞ծ մնալ, թե՞ ազատություն տալ ինքդ քեզ։ Դա լա՞վ է, թե՞ վատ։ Մի սիս Մենդենհոլլը այս ամենի համար պատրաստի պատասխաններ ունի։ Հապա՞, իսկ փիլիսոփանե՞րը,— Պաոլան շարժեց գլուխը։— Իսկ փիլիսոփաները չունեն։ Այն, ինչ նրանք ունեն՝ գաղափարներն են։ Եվ ամենից առաջ սկսում են խոսել դրանց մասին, խոսել, խոսել. ու չնայած իրենց էրուդիցիային, ոչ մի եզրակացության չեն հանգում։ Եվ ես էլ այդպիսին եմ։ Ես լսում եմ, լսում և խոսում, խոսում անվերջ, ինչպես օրինակ, հիմա, իսկ համոզմունքներ, այնուամենայնիվ, չունեմ։ Եվ ոչ մի չափ էլ գոյություն չունի...

— Ճիշտ չէ, չափ կա,— առարկեց Դիկը։— Հինավուրց, մշտական մի չափ. ճշմարիտ է այն, ինչ արդարացնում է իրեն կյանքում։

— Հիմա դու նորից կսկսես զարգացնել քո սիրելի տեսությունը փաստերի մասին,— ժպտաց Պաոլան։— Իսկ Գար-Հիալը մի քանի շարժումների ու, բառախաղերի օգնությամբ քեզ կապացուցի, որ ամեն մի փաստը երևակայություն է, իսկ Թերենսը՝ որ նպատակասլացությունը ինչ-որ ավելորդ, ոչ էական և անհասկանալի բան է. իսկ Հենքոկը՝ որ Բերդսոնի հանրահռչակ երկինքը սալարկված է նպատակասլացության միևնույն սալիկներով, բայց այն ավելի կատարյալ է, քան քոնը, իսկ Լեոն՝ որ աշխարհում մի բան գոյություն ունի միայն՝ Գեղեցկությունը, և դա բնավ էլ սալիկ չէ, այլ ոսկի...

— Ալ Ամպ, այսօր ձիով զբոսանքի գնանք,— ամուսնուն դիմեց Պաոլան։— Գլխիցդ հանիր քո հոգսերը, մոռացիր իրավաբանների, հանքերի ու ոչխարների մասին։

— Ես էլ եմ շատ ուզում, Պոլի,— պատասխանեց նա։— Բայց չեմ կարող։ Պետք է Բյուքեյ սլանամ։ Նախաճաշից առաջ եկավ Ուորդը։ Ինչ-որ բան է պատահել ամբարտակի հետ, հավանաբար դինամիտ են դրել, և ներքին շերտը ճեղք է ավել։ Իսկ ի՞նչ օգուտ ամբարտակից, եթե ջրամբարի հատակը ջուր չպահի։

Երբ երեք ժամ հետո Դիկը վերադարձավ Բյուքեյից, տեսավ, որ Գրեհեմն ու Պաոլան առաջին անգամ զբոսանքի են դուրս եկել երկուսով։

Ուեյնռայթներն ու Քոդլանները վճռեցին երկու ավտոմեքենաներով մեկնել Ռաշեն-Ռիվերի ափերն ու մեկ շաբաթ ապրել այնտեղ։ Ճանապարհին մի օրով կանգ առան Մեծ տանը։ Առանց երկար մտածելու, Պաոլան ամբողջ խմբին նստեցրեց քառաձի կառքն ու տարավ Լոս-Բանոս լեռները։ Քանի որ նրանք մեկնեցին առավոտյան, Դիկը չկարողացավ միանալ նրանց, թեև Բլեյքի հետ կտրվեց աշխատանքից, որպեսզի դուրս դա ճանապարհ դնելու։ Նա ստուգեց լծվածքն ու կառքը, գտավ, որ ամեն բան կարգին է, բայց փոխեց նստածների տեղերը իր ցանկությամբ, պնդելով, որպեսզի Գրեհեմը նստի Պաոլայի կողքին, կառապանի տեղը։

— Որպեսզի տղամարդու պահեստի ուժ լինի նրա համար,— բացատրեց նա։— Ես բազմաթիվ անգամներ եմ ականատես եղել, թե ինչպես է արգելակը շարքից դուրս դալիս զառիթափի հենց մեջտեղում, և դա ուղևորներին քիչ անախորժություն չի պատճառում։ Զոհեր էլ են լինում։ Իսկ այժմ ձեզ հանգստացնելու համար, որպեսզի իմանաք, թե ինչ բան է Պաոլան, ես մի երգ կերգեմ.

Աղջիկը մեր չարաճճի
Հեշտ վարում է կառքը երկձի,
Բայց նա իրեն կբերի փառք,
Երբ կվարի քառաձի կառք։

Բոլորը ծիծաղեցին։ Պաոլան ձիապաններին նշան արեց, որ հեռու քաշվեն, և ավելի ամուր բռնեց ու ձգեց սանձերը։

Մեկնողները ծիծաղով ու կատակներով հրաժեշտ տվեցին Դիկին, և նրանցից ոչ ոք ոչինչ չնկատեց, բացի վճիտ առավոտից, որ խոստանում էր ոչ պակաս հրաշալի օր, և բարեհամբույր տանտիրոջից, որ նրանց բարի ճանապարհ մաղթեց։ Բայց Պաոլան բերկրալի հուզմունքի փոխարեն, որը նրան ուրիշ ժամանակ կպարուրեր այսպիսի ձիերի քառյակը կառավարելիս, աղոտ մի թախիծ զգաց, և պատճառներից մեկն էլ այն էր, որ Դիկը չի գալիս իրենց հետ։ Ժպտադեմ Դիկի տեսքից Գրեհեմն ամաչեց, այս անհամեմատելի կնոջ կողքին նստելու փոխարեն, նա պետք է հիմա գնացքով կամ շոգենավով սլանար մինչև աշխարհի ծայրը։

Սակայն Դիկի դեմքից ուրախ արտահայտությունը անհետացավ շրջվելուն և դեպի տուն դառնալուն պես։ Ժամը տասից քիչ անց նա ավարտեց թելադրելն, ու Բլեյքը ոտքի ելավ, որպեսզի հեռանա։ Սակայն չգնաց և, շփոթված, փոքր-ինչ մեղավոր ձայնով, մրմնջաց.

— Դուք ինձ խնդրել էիք, միստր Ֆորրեսթ, հիշեցնել շորթհորնների մասին ձեր գրքի սրբագրության վերաբերյալ։ Երեկ հրատարակչությունից ստացվեց երկրորդ հեռագիրը. խնդրում են շտապ վերադարձնել։

— Ես այլևս չեմ հասցնի,— պատասխանեց Դիկը։— Բարի եղեք, ուղղեցեք տպարանական սխալները, իսկ հետո հանձնեք միստր Մենսոնին փաստագրական ճշտումների համար, թող հատկապես ստուգի Դեվոն Արքայի տոհմաբանությունը. հետո ուղարկեցեք։

Մինչև ժամը տասնմեկը Դիկը ընդունեց կառավարիչներին և տնտեսվարներին։ Միայն տասնմեկն անց քառորդին նրան հաջողվեց օձիքն ազատել ցուցահանդեսների կազմակերպիչ միստր Փիթսից, որը ցույց էր տալիս կալվածքում առաջին անգամ կազմակերպվող սեփական բուծարանների անասունների տարեկան ցուցավաճառքի կատալոգի մակետը։ Հետո հայտնվեց Բոնբրայթը,— հեռագիր էր բերել,— և նրանք դեռ չէին ավարտել իրենց գործերը, երբ վրա հասավ նախաճաշի ժամը։

Վերջապես, մենակ մնալով,— հյուրերին ճանապարհ դնելուց հետո առաջին անգամ,— Դիկը փակվեg իր պատշդամբ֊ննջարան ում և մոտեցավ պատին կախված ջերմաչափին ու ծանրաչափին։ Բայց նայեց ոչ թե այդ գործիքներին, այլ փայտե կլոր շրջանակից ծիծաղող կնոջ դեմքին։

— Պաոլա՛, Պաոլա՜,— ասաց նա բարձրաձայն։— Մի՞թե այսքան տարիներից հետո դու ինձ էլ, քեզ էլ այդպես կզարմացնես։ Մի՞թե դո՛ւ, լինելով համեստ ու արդեն ոչ երիտասարդ կին, կկորցնես գլուխդ։

Նա հագավ խթանները՝ նախաճաշից հետո ձիով զբոսանքի դուրս գալու համար, և, դարձյալ մտախոհ, դիմեց դիմանկարին։

— Ի՞նչ արած, ես ազնիվ խաղի կողմնակից եմ,— մրմնջաց նա. և դադարից հետո, արդեն շրջվելով, որպեսզի հեռանա, ավելացրեց.— Բաց դաշտում... հավասար հիմունքներով... հավասար հիմունքներով։

— Գիտե՞ք, եթե ես շուտով չհեռանամ այստեղից,— հենց նույն օրը կատակով ասաց Գրեհեմը Դիկին,— ստիպված կլինեմ դառնալու ձեր տնվորն ու միանալու «Մադրոնյան պուրակի» փիլիսոփաներին։

Նրանք երեքով քոկթեյլ էին խմում ճաշից առաջ. զբոսանքից վերադարձած հյուրերից ոչ ոք դեռ չէր հայտնվել։

— Եթե միայն մեր փիլիսոփաները միացյալ ուժերով գեթ մի գիրք գրեի՜ն,— հառաչեց Դիկը։— Աստված իմ, սիրելիս, բայց դուք ախր պետք է ավարտեք ձեր աշխատանքը։ Ինքս եմ ստիպել սկսել, և ինքս էլ պարտավոր եմ հոգալու, որպեսզի ավարտեք։

Կաղապարատիպ քաղաքավարի ու անտարբեր նախադասությունները, որոնցով Պաոլան Գրեհեմին համոզում էր մնալ, Դիկին թվում էին մեղմանուշ երաժշտություն։ Նրա սիրտը թրթռաց բերկրանքից. թերևս ինքը, չնայած այդ ամենին, սխալվե՞լ է։ Մի՞թե երկու այնպիսի մարդիկ, ինչպիսին են Գրեհեմն ու Պաոլան, արդեն հասուն, խելացի և արդեն ոչ երիտասարդ մարդիկ, ընդունակ են այդքան անհեթեթ ու թեթևամտորեն կորցնել իրենց գլուխները։

— Գրքի կենացը,— Դիկը բարձրացրեց իր բաժակը, իսկ հետո, դառնալով Պաոլային, ավելացրեց.— սքանչելի քոկթեյլ է, Պոլի։ Դու այդ արվեստում անցել ես ինքդ քեզնից, իսկ Օ֊Թեյին դեռևս չես կարողանում սովորեցնել, նրա քոկթեյլները միշտ էլ վատ են ստացվում։ Այո, մի քոկթեյլ ևս, խնդրում եմ...

Գլուխ XXI

Գրեհեմը գնում էր կալվածքը շրջապատող լեռների անտառածածկ կիրճերով և ծանոթանում իր նոր նժույգի՝ Սելիմի հետ, որը հաղթանդամ, սևաթույր երիվար էր. Դիկը այդ նժույգն էր տվել նրան՝ ավելի թեթև Ալթադենի փոխարեն։ Ուսումնասիրելով ձիու բարեհոգի, զուսպ, բայց և այնպես խորամանկ բնավորությունը, Գրեհեմը, մտքով տարված, քթի տակ մռմռում էր գնչուական երգի բառերը, որ երգել էր Պաոլայի հետ։ Հիշելով անտառի ծառերի վրա իրենց անվան տառերը փորագրող հովվերգական սիրահարների մասին՝ նա անփութորեն, ավելի շուտ՝ կատակի համար, դափնուց և սոճուց մեկական ճյուղ կտրեց, հետո, կանգնելով ասպանդակների վրա, թեքվեց, կտրեց հնգամատն տերևով ձարխոտի երկար ցողունը և դրանով կապեց խաչաձև ճյուղերը։ Երբ պատտերանը պատրաստ էր, նա այն նետեց առաջ, ճանապարհի վրա, ու նկատեց, որ Սելիմը առանց տրորելու անցավ վրայով։ Արդեն հեռանալով՝ Գրեհեմը շրջվեց ու համառորեն ջանաց իր պատտերանը աչքից չկորցնել մինչև ճանապարհի հաջորդ ոլորանը։ «Ձին չտրորեց, լավ նշան է»,— մտածեց նա։

Նրա շուրջը ձարխոտերն էին. դափնիների ու սոճիների ճյուղերը դիպչում էին դեմքին՝ ասես հրավիրելով շարունակել արդեն սկսած կատակը։ Եվ նա պատտերաններ էր կապում ու մեկը մյուսի հետևից նետում ճանապարհի վրա։

Մեկ ժամ անց նա հասավ ոլորանին, որտեղից, ինչպես նրան հայտնի էր, սկսվում էր լեռնանցքի դիք ու դժվարին ճանապարհը, և Գրեհեմը ետ դարձավ։

Սելիմը մեղմ խրխնջաց։ Մոտիկից լսվեց պատասխան խրխնջոցը։ Այդ հատվածում արահետը հարմար էր ու լայն. Գրեհեմը վարգով բաց թողեց Սելիմին և, մի լայն աղեղ յգծելով, հասավ Եղնիկին հեծած Պաոլային։

— Հելլո՜,— գոչեց նա։— Հելլո՜։ Հելլո՜։

Պաոլան պահեց իր ձին, և Գրեհեմը հասավ նրան։

— Ես հենց նոր շրջվեցի դեպի ետ,— ասաց Պաոլան։— Իսկ դո՞ւք ինչու ետ դարձաք։ Ես կարծում էի, որ լեռնանցքով գնում եք դեպի Լիթլ Գրիզլի։

— Իսկ դուք գիտեի՞ք, որ ես ձեզնից առաջ եմ գնում,— հարցրեց նա, հիանալով տղայական ուղղամիտ հայացքով, արով Պաոլան նայում էր իր աչքերին։

— Ինչպե՞ս չի՛մանայի։ Երկրորդ պատտերանից հետո այլևս չէի կասկածում։

— Օ՜հ, ես մոռացել էի դրանց մասին,— մեղավոր տոնով ծիծաղեց նա։— Բայց դուք ինչո՞ւ ետ դարձաք։

Պաոլան սպասեց, որպեսզի Եղնիկն ու Սելիմը անցնեն ճանապարհի լայնքով գցած լաստենու վրայով, նայեց Գրեհեմի աչքերին ու պատասխանեց.

— Որովհետև չէի ուզում ձեր հետքերով գնալ. ասենքյ. ոչ ոքի հետքերով չեմ ուզում գնալ,— աճապարեց ուղղել նա։— Ուստի երկրորդ պատտերանից հետո ետ դարձա։

Գրեհեմը չկարողացավ անմիջապես պատասխանել, և տիրեց անհարմար մի լռություն։ Երկուսն էլ զգում էին այդ անհարմար վիճակը, որն հետևանք էր այն բանի, ինչ նրանք երկուսն էլ գիտեին և ինչի մասին խոսել չէին կարող։

— Իսկ դուք պատտերաններ գցելու սովորությո՞ւն ունեք,— հարցրեց Պաոլան։

— Կյանքումս սա առաջին դեպքն է,— գլուխը շարժեց նա։— Եվ շուրջն էլ այնքան շատ հարմար ճյուղեր կան, որ դժվար է դիմանալ. մանավանդ, երբ գնչուական երգն էլ հետամուտ է ինձ։

— Այդ երգը այսօր առավոտից, արթնանալուն պես, հետամուտ էր ինձ,— ասաց Պաոլան, ետ գցելով գլուխը, որպեսզի վայրի խաղողի ճյուղը չդիպչեր այտին։

Իսկ Գրեհեմը, նայելով նրա դեմքին, ոսկե-շագանակագույն մազերի պսակին, նրա գեղեցիկ պարանոցին, դարձյալ զգաց արդեն ծանոթ տանջագին ցավն ու ցանկությունը։ Պաոլայի մոտիկությունը ծաղր էր Գրեհեմի համար։ Պաոլայի ոսկեգույն ամազոնկան Գրեհեմի մոտ ծնում էր տանջող տեսիլներ նրա մարմնի մասին, երբ Պաոլան հեծել էր սուզվող Լեռնցուն և ցատկում էր ջրի մեջ քառասուն ֆուտ բարձրությունից կամ քայլում էր սենյակում միջնադարյան ձևվածքի մարգարտա֊երկնագույն իր հագուստով ու Գրեհեմին խենթացնող ծնկի ձիգ շարժումով բարձրացնում էր ծանր դարսերը։

— Այդ ամենը հիմարություն է,— նկատեց Պաոլան՝ Գրեհեմին կտրելով տեսիլներից։

Նա վրա բերեց.

— Փաոք աստծո, որ ոչ մի անգամ չհիշատւսկեցիք Դիկի մասին։

— Մի՞թե դուք նրան չեք սիրում։

— Ազնիվ եղեք,— հաստատակամորեն ու գրեթե դաժանությամբ հայտարարեց Գրեհեմը։— Բանն էլ հենց այն է, որ ես սիրում եմ Դիկին։ Այլապես...

— Ի՞նչ,— հարցրեց Պաոլան։

Նրա ձայնը հնչեց վճռականորեն, բայց նայում էր ոչ թե Գրեհեմին, այլ ուղիղ առաջ, Եղնիկի սուր ականթներին։

— Չեմ հասկանում, թե ինչու եմ մինչև հիմա այստեղ գտնվում։ Ես պետք է վաղուց արդեն մեկնած լինեի։

— Ինչո՞ւ,— հարցրեց նա՝ աչքը չհեռացնելով Եղնիկի ականջներից։

— Ձեզ ասում եմ՝ ազնիվ եղեք,— նախազգուշացնող տոնով կրկնեց Գրեհեմը։— Կարծում եմ, մենք առանց խոսքի էլ հասկանում ենք իրար։

Պաոլայի այտերը շառագունեցին. նա հանկարծ շրշվեց Գրեհեմի կողմն ու լուռ նայեց նրան. հետո արագ բարձրացրեց մտրակը բռնած ձեռքը, ասես կամենալով սեղմել իր կրծքին, բայց ձեռքը անվճռականորեն քարացավ օդում ու նորից ցած իջավ։ Այնուամենայնիվ, Գրեհեմը տեսավ, որ նրա աչքերը փայլում են երջանիկ սարսափով։ Այո, սխալմունք չէր կարող լինել, նրա աչքերում կար և սարսափ, և երջանկություն։ Եվ նա, տուրք տալով այն յուրահատուկ նրբազգացությանը, որն ունեն տղամարդկանցից ոմանք, սանձը փոխեց մյուս ձեռքն ու ձին մոտեցնելով, գրկեց նրան և, ծունկը նրա ծնկին սեղմելով, այնպես ձգեց Պաոլային, որ երիվարները ճոճվեցին, ու համբուրեց նրա շուրթերը իր ցանկությունների ամբողջ ուժով։ Սխալմունք լինել չէր կարող։ Այդ ջերմ գրկախառնության ժամանակ, երբ նրանց շնչառությունները միախառնվել էին, նա անարտահայտելի մի հուզմունքով իր շուրթերին զգաց Պաոլայի շուրթերի պատասխան թրթիռը։

Բայց մի ակնթարթ հետո նա դուրս պրծավ Գրեհեմի գրկից։ Այտերի շառագույնն անհետացավ։ Աչքերը փայլում էին։ Նա մտրակը բարձրացրեց, ասես հարվածելու համար, բայց իջեցրեց զարմացած Եղնիկի վրա և նույն պահին էլ այնքան անսպասելի ու արագությամբ խթանեց ձիուն, որ սա հառաչեց ու մի կողմ նետվեց։

Գրեհեմը ականջ դրեց անտառային ճանապարհի վրա մարող սմբակների ձայնին, զգալով, որ գլուխը պտտվում է, և արյունը թակում է քունքերին։ Երբ լռեցին հեռավոր ձայների վերջին արձագանքները, նա ոչ այն է՝ ցած սահեց, ոչ այն է՝ ընկավ թամբից ու նստեց քարաքոսով ծածկված քարին։ Գրեհեմը խորապես ցնցվել էր. շատ ավելի ուժեղ ցնցում էր դա, քան հնարավոր էր համարում նա մինչև այն րոպեն, երբ Պաոլան հայտնվեց իր գրկում։ Ինչ արած, ուրեմն։ Վիճակը նետված է։ Նա ոտքի թռավ և այնպիսի պոռթկումով ուղղվեց, որ վախեցած Սելիմը ետ քաշվեց ու, սանձը ձգելով, բարձրաձայն խռխռաց։

Այն, ինչ տեղի ունեցավ, տեղի ունեցավ միանգամայն անսպասելի։ Սակայն դա անխուսափելի էր։ Դա չէր կարող տեղի չունենալ։ Գրեհեմը գործում էր ոչ թե նախօրոք մտածված ծրագրով, թեև հիմա արդեն հասկանում էր, որ իր պասսիվության և մեկնումը ձգձգելու դեպքում պետք է այս ամենը նկատի ունենար։ Իսկ այժմ մեկնելն այլևս չի օգնի։ Այժմ նրա բոլոր տառապանքները, նրա խենթությունը և երջանկոլթյունը կայանում էին այն բանում, որ այլևս կասկած լինել չէր կարող։ Ինչի՞ էին պետք խոսքերը, երբ նրա շուրթերը դեռևս դողում էին այն մասին հիշելիս, ինչ Պաոլան ասաց իր շուրթերի հպումով։ Գրեհեմը դարձյալ ու դարձյալ անդրադառնում էր այդ համբույրին, որին Պաոլան պատասխանել էր, և սուզվում էր երանելի հիշողությունների ծովում։

Նա զգուշորեն ձեռք տվեց իր ծնկին, որին քսվել էր Պաոլայի ծունկը, այն հեզ երախտագիտությամբ առլեցուն, որ հասկանալի է սոսկ նրան, ով անկեղծորեն է սիրում։ Նրան հրաշք էր թվում, որ այդպիսի զարմանալի կինը կարող էր սիրել փոխադարձաբար։ Ախր նա աղջնակ չէր։ Նա հասուն, փորձառու և իր ցանկությունների համար ինքն իրեն հաշիվ տվող կին է։ Եվ այդ կնոջ շնչառությունը դադարեց, երբ գտնվում էր նրա գրկում, և այդ կնոջ շուրթերը կենդանացան նրա շուրթերի համար։ Նա կնոջից ստացավ այն, ինչ տվել էր. թեև մտքովն իսկ չէր անցել, որ բազմաթիվ տարիներ հետո ինքը կկարողանա այդքան շատ բան տալ։

Գրեհեմը վեր կացավ, ուզեց կատարել մի շարժում, որ հեծնի Սելիմին, որը հոտոտում էր նրա ուսը, բայց մտահոգ կանգ առավ։

Այժմ բանն այլևս մեկնելը չէ։ Այդ առումով հարցը պարզ է։ Ճիշտ է, Դիկն էլ իր իրավունքներն ունի։ Սակայն իրավունքներ ունի նաև Պաոլան։ Առանց այդ էլ, ինքը կհամարձակվի՞ արդյոք մեկնել այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ։ Թերևս միայն այն դեպքում, եթե Պաոլան մեկնի իր հետ։ Հիմա մեկնելը նույնն է, ինչ գաղտնի համբուրվելն ու փախչելը։ Եթե այնպես է ստացվել, որ երկու տղամարդ սիրում են միևնույն կնոջը,— իսկ այդպիսի եռանկյունու մեջ անխուսափելիորեն բուն է դնում դավաճանությունը,— ապա ավելի ամոթ է դավաճանել կնոջը, քան՝ տղամարդուն։

«Մենք ապրում ենք իրական աշխարհում,— ասում էր նա ինքն իրեն՝ ձիուն դանդաղաքայլ ուղղելով դեպի տուն,— թե՛ Պաոլան, թե՛ Դիկը, և թե՛ ես կենդանի մարդիկ ենք. և մենք իրապաշտներ ենք, մենք վարժվել ենք ուղիղ նայել կենսական փաստերի դեմքին։ Ո՛չ եկեղեցին, ո՛չ օրենքները, ոչ մի իմաստնություն և որոշումներ գործ չունեն այստեղ։ Մենք երեքով պետք է ինքներս վճռենք ամեն բան։ Իհարկե, մեզնից մեկը անպայման կտառապի։ Սակայն ողջ կյանքն է տառապանք։ Ապրել կարողանալը կայանում է նրանում, որպեսզի տառապանքներն հասնեն նվազագույնի։ Բարեբախտաբար, Դիկն այսպիսի հայացքներ ունի։ Լուսնի տակ ոչինչ նորություն չէ։ Անհամար սերունդների անհամար եռանկյունիներ միշտ էլ ինչ-որ կերպ լուծվել են, ուրեմն, կլուծվի նաև այս եռանկյունին։ Մարդկային բոլոր գործերը, ի վերջո, ինչ-որ կերպ լուծվում են»...

Նա հեռու վանեց ողջախոհ մտքերը և դարձյալ տրվեց երանելի հիշողություններին, դարձյալ շոյեց ծունկն ու շուրթերին զգաց Պաոլայի շնչառությունը։ Նա նույնիսկ պահեց Սելիմին, որպեսզի նայի իր արմունկի ծալվածքին, որին հենվել էր Պաոլայի մեջքը։

Գրեհեմը Պաոլային տեսավ միայն ճաշից առաջ, և կինն այնպիսին էր, ինչպես միշտ։ Նույնիսկ Գրեհեմի ագահ հայացքը չէր կարող նրա մեջ գտնել որևէ հետք այսօրվա մեծագույն իրադարձության և այն ցասումի, որից գունատվեց կնոջ դեմքն ու վառվեցին աչքերը, երբ մտրակը բարձրացրեց նրան հարվածելու համար։ Նա նույնն էր, ինչպես միշտ, Մեծ տան փոքրիկ տիրուհին։ Նույնիսկ երբ հանդիպում էին նրանց հայացքները, Պաոլայի աչքերը վճիտ էին, հանգիստ, առանց շփոթմունքի ստվերի, առանց գաղտնիքի նկատմամբ որևէ ակնարկի։ Դրությունը ավելի թեթևացավ այն բանով, որ ժամանեցին նոր հյուրեր՝ Պաոլայի և Դիկի ընկերուհիները, որոնք մնալու էին մի քանի օր։

Հաջորդ օրը նա հյուրերին և Պաոլային հանդիպեց երաժշտական սենյակում, դաշնամուրի մոտ։

— Միստր Գրեհեմ, իսկ դուք չե՞ք երգում,— հարցրեց ոմն միսս Հոֆմանը։

Որքան հայտնի էր Գրեհեմին, նա Սան֊Ֆրանցիսկոյում կանանց համար ամսագրերից մեկի խմբագիրն էր։

— Օ՜, սքանչելի եմ երգում,— կատակով պատասխանեց Գրեհեմը։— Ճի՞շտ եք միսիս Ֆորրեսթ։

— Միանգամայն ճիշտ է,— ժպտաց Պաոլան։— Թեկուզև այն պատճառով, որ մեծահոգաբար զսպում եք ձեր ձայնը, որպեսզի վերջնականապես չխլացննեք իմը։

— Ձեզ այլևս ոչինչ չի մնում, եթե ոչ ապացուցել ձեր խոսքերի ճշմարտացիությունը,— հայտարարեց Գրեհեմը։— Օրերս մենք մի զուգերգ կատարեցինք,— նա հարցական հայացքով նայեց ժպտադեմ Պաոլային,— որը հատկապես համապատասխանում է իմ ձայնին։— Գրեհեմը դարձյալ թռուցիկ մի հայացքով նայեց նրան, բայց որևէ պատասխան չստացավ, կամենո՞ւմ է արդյոք Պաոլան երգել, թե ոչ։— Ես հիմա հարևան սենյակից կբերեմ նոտաները։

— Այդ երգը կոչվում է «Գնչուների արահետով»,— լսեց նա Պաոլայի ձայնը, երբ դուրս էր գնում։— Շատ պայծառ, հրապուրիչ երգ է։

Նրանք շատ ավելի զուսպ երգեցին, քան առաջին անգամ, և նրանց ձայնը հնչում էր բնավ էլ ոչ այն ջերմությամբ ու թրթիռով, բայց զուգերգը կատարեցին առավել հնչեղությամբ ու խորությամբ, ավելի շատ իր՝ կոմպոզիտորի ոգով, և ավելի քիչ տեղ տալով անձնական մեկնաբանություններին։ Երգելիս Գրեհեմը մտածում էր մի բանի մասին և համոզված էր, որ նույն բանի մասին մտածում է նաև Պաոլան. իրենց սրտերը ուրիշ զուգերգ են երգում, որի մասին չեն էլ կասկածում ծափահարող այս կանայք։

— Գրազ եմ գալիս, որ դուք երբեք այսպես լավ չեք երգել,— ասաց նա Պաոլային։

Կնոջ ձայնում նա լսեց նոր երանգներ, այժմ այդ ձայնը հնչում էր ավելի լիքը, շռայլ, հատկապես այն հարուստ հնչեղությամբ, որպիսին կարելի էր սպասել նրա պարանոցի սքանչելի ձևերից։

— Իսկ այժմ, քանի որ դուք հավանաբար չգիտեք, թե ինչ բան է պատտերանը, ես ձեզ կպատմեմ...— սկսեց Պաոլան։

Գլուխ XXII

— Դիկ, իմ թանկագին երիտասարդ, դուք պարզապես կանգնած եք քարլեյլյան դիրքերի վրա,— ասաց թերենս Մաք-Ֆեյնը հայրական տոնով։

Այդ օրը Մեծ տանը ճաշում էին միայն «Մադրոնյան պուրակի» իմաստունները, և Պաոլայի, Դիկի ու Գրեհեմի հետ սեղանի մոտ նստած էին ընդամենը յոթ հոգի։

— Որևէ մեկի դիրքավորումը որոշելը դեռ չի նշանակում ժխտել այն,— առարկեց Դիկը։— Ես գիտեմ, որ իմ տեսակետը համընկնում է Քարլեյլի հետ, բայց դա ոչինչ չի ապացուցում։ Հերոսների պաշտամունքը գեղեցիկ բան է։ Ես խոսում եմ որպես ոչ թե չոր սքոլաստ, այլ որպես գործնական անասնագետ, որը միշտ ստիպված է լինում, գործ ունենալ Մենդելի մեթոդների հետ։

— Եվ ես, ձեր կարծիքով, պետք է համաձայնեմ այն բանին, որ հոտենտոտը սպիտակամորթից ոչնչով վատը չէ,— միջամտեց Հենքոկը։

— Ձեր շուրթերով խոսում է Հարավը, Ահարոն,— ժպտալով նկատեց Դիկը։— Դրանք նախապաշարումներ են. ես նկատի ունեմ ոչ թե բնածին, այլ դեռևս վաղ մանկության տարիներին շրջապատի կողմից ներարկված նախապաշարումները, որոնք չափազանց ուժեղ են։ Եվ դուք որքան էլ փիլիսոփայեք, չեք կարողանա դրանք հաղթահարել։ Դրանք նույնքան անջնջելի են, որքան մանչեսթրյան դպրոցի ազդեցությունը Սփենսերի վրա։

— Ուրեմն , դուք Սփենսերին դասում եք հոտենտոտների շարքի՞ն։

Դիկն օրորեց գլուխը։

— Թույլ տվեք խոսել, Հիալ։ Կարծում եմ, կկարողանամ բացատրել միտքս։ Միջին հոտենտոտը կամ միջին մելանեզիացին շատ քիչ բանով են տարբերվում միջին սպիտակամորթից։ Տարբերությունն այն է, որ այդպիսի հոտենտոտներն ու նեգրերը ավելի շատ են, քան սպիտակամորթները, որոնց մեջ գոյություն ունեն զգալի տոկոսով սովորական միջին մակարդակը գերազանցող մարդիկ։ Ես նրանց անվանում եմ առաջին շարք. նրանք իրենց հետևից են տանում հայրենակիցներին, միջին մարդկանց։ Նկատի ունեցեք, որ առաջին շարքը բնավ չի փոխում միջին մարդու բնույթը և չի զարգացնում նրա մտավոր կարողությունները, սակայն ավելի լավ է կառավարում կենսական պայքարը, հեշտացնում է ամբողջ զանգվածի առաջադիմությունը։

Նետ-աղեղի փոխարեն հնդկացուն տվեք ժամանակակից հրացան, և նա շատ ավելի որս կանի։ Ըստ էության հնդկացի որսորդը բնավ չի փոխվել։ Բայց նրա ցեղը միջին մակարդակը գերազանցող այնքան քիչ մարդիկ է տվել, որ տասը հազար սերունդների ընթացքում էլ նրանք չեն կարողացել միջին հնդկացու ձեռքը հրացան տալ։

— Հապա՛, հապա՛, Դիկ, զարգացրեք ձեր գաղափարը,— խրախուսեց նրան Թերենսը։— Ես, կարծես, հասկանում եմ, թե ինչ եք ուզում ասել, և շուտով կկարողանաք Ահարոնին սեղմել պատինհ նրա ռասսայական նախապաշարումների ու մի բուռ ժողովուրդների գերազանցությունը մյուս ժողովուրդների նկատմամբ տեսակետի հիմար համոզվածության հետ մեկտեղ։

— Միջին մակարդակից վեր կանգնած մարդիկ,— շարունակեց Դիկը,— նրանք, որոնցից բաղկացած է առաջին շարքը՝ գյուտարարները, հետազոտողները, կոնստրուկտորները, այսպես կոչվող, գերիշխանական հատկանիշների կրողներն են։ Այն ցեղը, որտեղ այդպիսի մարդիկ քիչ են. կոչում են ստորին, ոչ լիարժեք։ Այդ ցեղը դեռևս օգտագործում է նետ-աղեղ։ Նա դեռևս զինված չէ կյանքի համար։ Վերցնենք սպիտակ ցեղի միջին մարդուն։ Նա նույնքան բթամիտ է, ագահ, անտարբեր, նույնքան համառ է ու հետամնաց, որքան և միջին վայրենին։ Բայց միջին սպիտակամորթը շարժվում է ավելի արագ, որովհետև նշանավոր մարդկանց առավել մեծ քանակությունը զինում է նրան կյանքի համար, նրան տալիս է կազմակերպվածություն և օրենք։

Ինչպիսի՞ մեծ մարդ, ինչպիսի՞ հերոս են տվել, օրինակ, հոտենտոտները, հերոս այն իմաստով, որ ես հենց նոր ասացի։ Հավայացիներն ունեցել են միայն մեկ հոգի՝ Կամեքամեքը։ Ամերիկյան նեգրերն ունեն երկու հոգի միայն՝ Բուքեր Վաշինգտոնն ու Դյուբուան, բայց սրանց արյունն էլ սպիտակամորթի արյան խառնուրդ է եղել։

Պաոլան ձևացնում էր, թե այս խոսակցությունը չափազանց հետաքրքիր է, և բնավ չի ձանձրանում։ Բայց, ցավակցաբար նրան հետևող Գրեհեմի համար պարզ էր, որ Պաոլան ներքուստ ընկճված է։ Թերենսի և Հենքոկի միջև ծնված վիճաբանության աղմուկի տակ նա կիսաձայն ասաց Գրեհեմին.

— Բառե՜ր, բառե՜ր, բառե՜ր։ Այնքան շատ, անսահման շատ բառեր։ Հավանաբար, Դիկն իրավացի է. նա գրեթե միշտ իրավացի է լինում։ Բայց ես, խոստովանում եմ, երբեք չեմ կարողացել ու չեմ կարող բոլոր այդ բառերը, բառերի բոլոր այդ հեղեղները կիրառել կյանքի համար, իմ սեփական կյանքի համար, որպեսզի հասկանամ, թե ինչպես պետք է ապրեմ, ինչ պետք է անեմ ու ինչ չպետք է անեմ։— Պաոլան անթարթ նայեց նրա աչքերին, և Գրեհեմը ոչ մի կասկած չէր կարող ունենալ նրա խոսքերի ծածուկ իմաստի վերաբերյալ։— Ես չեմ տեսնում, թե ինչպիսի առնչություն կարող է ունենալ գերիշխանական հատկանիշների և առաջին շարքի մասին եղած տեսությունը իմ կյանքի հետ,— շարունակեց նա։— Այդ ամենն ինձ բնավ չի բացատրում, թե որն է լավը, որն է վատը, և որ ճանապարհով պետք է գնալ։ Իսկ նրանք դարձյալ սկսեցին ու այժմ կխոսեն ամբողջ երեկոյի ընթացքում...

— Ոչ, ես հասկանում եմ նրանց վեճը...— աճապարեց ավելացնել Պաոլան,— բայց ինձ համար այդ ամենը դատարկ բան է։ Բառե՜ր, բառե՜ր, բառե՜ր։ Իսկ ես ուզում եմ իմանալ, թե ինչպես վարվեմ ինձ հետ, ինչպես վարվեմ ձեզ հետ, Դիկի հետ...

Բայց այդ երեկո Դիկին տիրել էր պերճախոսության դևը և Գրեհեմը չհասցրեց պատասխանել Պաոլային, երբ Դիկը նրանից ինչ-որ տվյալներ պահանջեց հարավամերիկյան ցեղերի վերաբերյալ, որոնց երբեք չէր հանդիպել իր ճանապարհորդոլթյունների ընթացքում։ Դիկին լսելիս ու նրան նայելիս ամեն ոք կմտածեր, որ դա երջանիկ, անհոգ մի մարդ է, ընդ որում՝ ամբողջ էությամբ տարված է վիճաբանությամբ։ Ոչ Գրեհեմը, և ոչ էլ նույնիսկ Դիկի հետ տասներկու տարի ապրած Պաոլան չէին հավատա, որ նրա անփույթ, ասես պատահական հայացքներից չեն խուսափել ձեռքի ոչ մի շարժում, կեցվածքի ոչ մի փոփոխություն, նրանց դեմքի արտահայտության ոչ մի երանգ։

«Ի՞նչ կարող է դա նշանակել,— ինքն իրեն հարցրեց Դիկը։— Պաոլան կարծես ինքը չլինի։ Նա նյարդայնանում ըստ երևույթին, նրան գրգռում է այս վեճը։ Գրեհեմը գունատ է։ Նրա մտքերում ինչ֊որ ցրվածություն կա։ Նա չի մտածում այն մասին, ինչի մասին խոսում է։ Ինչի՞ մասին է նա մտածում»։

Իսկ պերճախոսության դևը, որ նրան օգնում էր թաքցնելու սեփական մտքերը, ավելի ու ավելի հեռուներն էր տանում գիտական անորոշության ուղիներով։

— Առաջին անգամն է, որ ես, երևի, պատրաստ եմ ատելու մեր իմաստուններին,— կիսաձայն ասաց Պաոլան, երբ Դիկին անհրաժեշտ տեղեկություններ հաղորդելուց հետո Գրեհեմը լռեց։

Դիկը սառնարյունությամբ շարունակում էր զարգացնեք իր թեզիսները։ Իբր թե խոսակցության թեմայով տարված նա այնուամենայնիվ նկատեց, թե ինչպես Պաոլան ինչ-որ բան շշնջաց Գրեհեմին, ու թեև ոչ մի բառ չլսեց, սակայն կարողացավ որսալ կնոջ անընդհատ աճող տագնապներն ու Գրեհեմի լուռ ցավակցությունը և ջանաց կռահել, թե ի՞նչ կարող էր փսփսալ Պաոլան Գրեհեմին։ Միաժամանակ, դիմելով սեղանի շուրջը նստածներին, նա ասաց.

— ...Թե Ֆիշերը և թե Շփայզերը համաձայն են, որ առաջավոր ռասաների, օրինակ՝ ֆրանսիացիների, անգլիացիների, գերմանացիների հետ համեմատած, ստորին ռասաների մոտ կարելի է չափազանց քիչ նշանավոր մարդկանց հանդիպել։

Հյուրերից ոչ ոք չնկատեց, որ Դիկը դիտավորյալ կերպով վեճը փոխեց մեկ այլ հունի։ Այդ մասին չկռահեց նաև Լեոն, ու երբ բանաստեղծը հարցրեց, թե առաջին շարքում ինչպիսի տեղ են զբաղեցնում կանայք, և դրանով էլ զրույցին տվեց մի նոր ուղղություն, նա չէր էլ կասկածում, որ այդ հարցը իրենը չէ, որ այն հմտորեն իրեն հուշեց Դիկը։

— Լեո, տղաս, կանայք գերիշխանական հատկանիշների կրողներ չեն,— պատասխանեց Թերենսը, աչքով անելով հարևաններին։— Կանայք պահպանողական են։ Նրանք պահպանում են կերպարի կայունությունը։ Ամրապնդելով այդ, նրանք շարունակում են վերածնել. ուստի և առաջադիմության գլխավոր արգելակն են նրանք։ Եթե կանայք չլինեին, մեզնից յուրաքանչյուրը կդառնար գերիշխանական հատկանիշների կրող։ Ես դիմում եմ մեր փառապանծ մենդելիստին, փորձառու անասնապահին. նա այսօր մեզ հետ է և կկարողանա հաստատել իմ թեթևակշիռ դիտողությունը։

— Ամենից առաջ,— ասաց Դիկը,— եկեք դառնանք հիմնականին ու պարզենք, թե ինչի մասին ենք մենք, մասնավորապես, վիճում։ Ի՞նչ բան է կինը,— հարցրեց նա արհեստական լրջությամբ։

— Հին հույները գտնում էին,— նկատեց Դար-Հիալը, և թեթև, սարգոնական ժպիտը ծռեց նրա ծիծաղելի շուրթերը,— որ կինը՝ չհաջողված տղամարդ է։

Լեոն վիրավորվեց։ Նրա դեմքը շառագունեց։ Աչքերում հայտնվեց ցավի արտահայւտություն, շուրթերը դողդողացին։ Նա զորավիգ որոնելով՝ նայեց Դիկին։

— Այո, կինը ոչ այս է, ոչ այն,— միջամտեց Հենքոկը։— Ասես տեր աստվածը, կնոջն ստեղծելիս, աշխատանքը դադարեցրել է առանց ավարտելու, և կինը այդպես էլ մնացել է կեսկատար հոգով, չհասունացած հոգով։

— Ո՜չ, ո՜չ,— բացականչեց պատանին։— Դուք չեք համարձակվի այդպես ասել։ Դի՛կ, դուք հո՛ գիտեք։ Ասացե՛ք նրանց, ասացե՛ք։

— Դժբախտաբար չեմ կարող,— պատասխանեց Դիկը։— Հոգիների մասին այդ վեճը նույնքան մշուշոտ է, որքան և իրենք՝ հոգիները։ Ո՞վ չգիտե արդյոք, որ մենք հաճախ թափառում ենք ու մոլորվում խավարի մեջ, հատկապես, երբ կարծում ենք, թե իբր մեզ հայտնի է՝ ով ենք մենք և ինչ է մեզ շրջապատում։ Իսկ ի՞նչ բան է խելագարը։ Նա միայն ավելի քիչ կամ ավելի շատ է խենթ, քան մենք։ Ի՞նչ բան է տկարամիտը։ Ապո՞ւշը։ Արատավոր երեխա՞ն։ Ձի՞ն։ Շո՞ւնը։ Մոծա՞կը։ Դոդո՞շը։ Փայտփորի՞կը։ Խխո՞ւնջը։ Եվ ի՞նչ է ձեր սեփական անհատականությունը։ Լեո, երբ դուք, օրինակ, քնած եք։ Երբ դուք տառապում եք ծովախտով։ Երբ դուք հարբած եք։ Սիրահարված։ Երբ ցավում է ձեր որովայնը։ Ոտքն է ջղաձգվում։ Երբ ձեզ հանկարծ պարուրում է մահվան սարսափը։ Երբ դուք կատաղած եք։ Կամ երբ հիացմունք եք ապրում աշխարհի գեղեցկությամբ և կարծում եք, որ մտածում եք անասելի անարտահայտելի բաների մասին։

Ես դիտավորյալ եմ ասում, կարծում եք, թե մտածում եք։ Եթե դուք իսկապես մտածեիք, ապա աշխարհի գեղեցկությունը ձեզ չէր թվա անասելի և բառերով անարտահայտելի։ Դուք այն կտեսնեիք շատ պարզ, որոշակի և բառեր կգտնեիք նրա համար։ Եվ ձեր անհատականությունն էլ կլիներ նույնքան պարզ ու որոշակի, որքան և ձեր մտքերն ու բառերը։ Ուրեմն, Լեո, երբ դուք պատկերացնում եք, թե կանգնած եք լինելիության գագաթին, իրականում տրվում եք ձեր զգացողությունների օրգիային, հետևում եք նրանց կատաղի պարին, նրանց թրթիռին ու տատանումներին, չհասկանալով այդ պարի և ոչ մի շարժումը և չկռահելով այդ օրգիայի իմաստը։ Դուք չեք ճանաչում ինքներդ ձեզ։ Այդ րոպեներին ձեր հոգին, ձեր անհատականությունը աղոտ, անորսալի մի բան է։ Թերևս, մի որևէ էգ դոդոշի մեջ, որը դուրս է եկել լճակի ափն ու խավարում տարածում է իր խռպոտ կռկռոցը, կանչելով իր գորտնուկավոր որձին, թերևս այդ րոպեին նրա մեջ ևս արթնանում է անհատականության պես ինչ-որ մի բան։ Ոչ, Լեո, անհատականությունը, հոգին՝ դրանք խիստ անորոշ հասկացողություններ են, և մեր «անհատականությունները» ըմբռնել չեն կարող։ Կան մարդիկ, որոնք ունեն տղամարդու կերպարանք, սակայն՝ կանացի հոգի։ Երբեմն մի մարդու մեջ ասես ապրում է մի քանի հոգի։ Եվ կան այնպիսի երկոտանիներ, որոնց մասին ուզում ես ասել՝ ոչ ձուկ է, ոչ էլ միս։ Մենք, որպես անհատականություններ, որպես հոգիներ, նման ենք մառախուղի լողացող ծվենների և գիշերային խավարում՝ հեռավոր բռնկումների։ Այստեղ ամեն ինչ խավար է ու մուժ, և մենք ասես շոշափելով թափառում ենք այդ մթության մեջ, երբ կամենում ենք վերծանել այդ միստիկան։

— Գուցե դա միստիֆիկացիա է և ոչ թե միստիկա, մարդու կողմից հորինված միստիֆիկացիա,— ասաց Պաոլան։

— Եվ դա ասում է իսկական կինը, իսկ Լեոն դեռ համոզում է, որ կինն ունի լիարժեք հոգի,— նկատեց Դիկը։— Բանն այն է, Լեո, որ մեր հոգին ու սեռը շատ ամուր են միահյուսված իրարու, և մենք շատ քիչ բան գիտենք և՛ մեկի, և՛ մյուսի մասին։

— Բայց կանայք գեղեցիկ են,— մրմնջաց պատանին։

— Օհո՜,— միջամտեց Հենքոկը, և նրա սև աչքերը նենգոբեն փայլատակեցին։— Ուրեմն,— դուք, Լեո, նույնացնո՞ւմ եք կնոջն ու գեղեցկությունը։

Երիտասարդ բանաստեղծի շուրթերը շարժվեցին, բայց նա միայն գլխով արեց։

— Շատ լավ, եկեք նայենք, թե ինչ է ասում կերպարվեստը վերջին հազարամյակի ընթացքում, այն դիտելով որպես տնտեսական պայմանների և քաղաքական ինստիտուտների արտահայտիչ, և այդ դեպքում մենք կտեսնենք, թե ինչպես է տղամարդը կնոջ կերպարում մարմնավորել. իր իդեալները, և թե ինչպես կինը նրան թույլ է ավել...

— Բավական է ծաղրեք Լեոյին,— միջամտեց Պաոլան,— եղեք ավելի անկեղծ, խոսեցեք լոկ այն մասին, թե ինչ գիտեք կամ ինչին եք հավատում։

— Օ՜հ, կանայք՝ դա սուրբ թեմա է,— հանդիսավորությամբ հայտարարեց Դար֊Հիալը։

— Օրինակ, ասենք՝ աստվածամայրը,— միջամտեց Գրեհեմը, Պաոլային զորավիգ լինելու համար։

— Կամ կապույտ գուլպան,— ավելացրեց Թերենսը։

Դար֊Հիալը խրախուսանքով գլխով արեց։

— Վրա մի՛ տվեք,— առաջարկեց Հենքոկը։— Նախ և առաջ քննենք, թե ինչ բան է աստվածամոր պաշտամունքը ի տարբերություն ցանկացած կնոջ ժամանակակից պաշտամունքի, որի տակ պատրաստ է ստորագրել նաև Լեոն։ Տղամարդը ծույլ և կոպիտ վայրենի է։ Նա չի սիրում, երբ իրեն ձանձրացնում են։ Նա սիրում է անդորը և հանգիստ։ Եվ այն ժամանակից ի վեր, ինչ գոյություն ունի մարդկային ցեղը, նա տեսնում է, որ կապված է անհանգիստ, նյարդային, գրգռող ու հիստերիկ մի արբանյակի հետ. այդ արբանյակի անունն է կին։ Կինը զանազան տրամադրություններ ունի, արցունքներ, վիրավորանքներ, սնափառ ցանկություններ և բարոյական լիակատար, անպատասխանատվություն։ Բայց տղամարդը չի կարողացել նրան ոչնչացնել, կինը անհրաժեշտ է եղել տղամարդու համար, թեև թունավորել է նրա կյանքը։ Ի՞նչ էր մնում այլևս նրան։

— Մնում էր մի բան. խորամանկորեն ու ճարպկորեն խաբել կնոջը,— մեջ ընկավ Թերենսը։

— Եվ նա ստեղծեց կնոջ երկնային կերպարը,— շարունակեց Հենքոկը։— Նա իդեալականացրեց կնոջ դրական կողմերը և դրանով իսկ իրենից հեռու վանեց բացասականը որպեսզի վերջինս չազդի նյարդերի, վրա, որպեսզի չխանգարի խաղաղորեն ու ծուլությամբ ծխել ծխամորճը և դիտել աստղերը։ Իսկ երբ սովորական կինը փորձում էր ձանձրացնել նրան, նա իր մտքերից հեռու էր վանում այդ կնոջն ու դիմում էր երկնային ու կատարյալ կնոջ կերպարին՝ կյանքը շարունակողին և անմահության պահպանիչին։ Բայց վրա հասավ ռեֆորմացիան, և դադարեց աստվածամոր պաշտամունքը։ Սակայն տղամարդը առաջվա պես կապված էր իր հանգիստը խանգարողի հետ։ Եվ ի՞նչ արեց նա այդ ժամանակ։

— Ա՜հ, խարդախ մարդ,— փնչացրեց Թերենսը։

— Տղամարդն ասաց. «Ես քեզ կդարձնեմ երազ, պատրանք», և դարձրեց։ Աստվածամայրը նրա համար երկնային-կին էր, ընդհանրապես կնոջ բարձրագույն մի կոնցեպցիա։ Եվ ահա, նրա բոլոր իդեալական գծերը տեղափոխեց երկրային կնոջ մեջ և այնպես յուղեց իր իսկ գլուխը, որ հավատաց դրա իրական լինելուն, ընդ որում այն աստիճան... ինչպես... դե, ինչպես Լեոն։

— Ամուրի մարդու համար դուք զարմանալիորեն քաջատեղյակ եք կնոջ բոլոր չարանենգ հատկություններին,— նկատեց Դիկը։— Թե՞ դրանք սոսկ տեսություններ են։

Թերենսը ծիծաղեց։

— Դիկ, սիրելիս, ախր Ահարոնը հենց վերջերս է կարդացել է Լաուրա Մարքոլմին։ Նա կարող է մեջ բերել այն գլուխն ու էջը, որտեղ խոսվում է այդ մասին։

— Այնուամենայնիվ, որքան էլ վիճեցինք կնոջ մասին, ըստ էության, մենք չշոշափեցինք նրա հագուստի փեշն անգամ,— միջամտեց Գրեհեմը և Պաոլայից ու Լեոյից ստացավ երախտագիտական մի հայացք։

— Չէ՞ որ դեռ սեր էլ կա,— պոռթկալով նկատեց Լեոն,— սիրո մասին ոչ ոք ոչ մի խոսք չասաց։

— Չասվեց նաև ամուսնական օրենքների, ամուսնալուծության, պոլիհամիայի, մոնոհամիայի ու ազատ սիրո մասին,— մարտականորեն շարունակեց Հենքոկը։

— Լեո, հապա ասացեք, ինլո՞ւ սիրո մեջ միշտ որս է անում և հետամուտ է լինում կինը,— հարցրեց Դար-Հիալը։

— Այդպիսի բան չկա,— վստահորեն պատասխանեց պատանին։— Դա ձեր Բերնարդ Շոուի հիմարություններից մեկն է։

— Բրավո՛, Լեո՛,— իր գոհունակությունը հայտնեց Պաոլան։

— Ուրեմն, Ուայլդը սխալվո՞ւմ էր, ասելով, թե կնոջ հարձակումը կայանում է անսպասելի ու անհասկանալի զիջումների մեջ,— հարցրեց Դար-Հիալը։

— Ձեր ասելով, կինը ինչ-որ հրեշ է, գիշատիչ,— բողոքեց Լեոն, շրջվելով Դիկի կողմն ու Պաոլայի վրա նետելով թռուցիկ մի հայացք, ուր փայլում էր նրա սիրո ողջ խորությունը։— Նա մի՞թե գիշատիչ է, Դիկ։

— Ոչ,— մտասույզ պատասխանեց Դիկը գլուխն օրորելով և, խնայելով այն, ինչ տեսավ պատանու աչքերում, մեղմորեն շարունակեց.— ես չէի ասի, որ կինը գիշատիչ է, կամ որ նա որս է գիշատիչի համար։ Չէի ասի նաև, որ կինը տղամարդու համար չցամաքող աղբյուր է։ Կինը մի արարած է, որ տղամարդուն շատ երջանկություն է նվիրաբերում...

— Բայց և միևնույն ժամանակ ստիպում է նրան բազմաթիվ հիմարություններ անել,— ավելացրեց Հենքոկը։

— Ես ուզում եմ Լեոյին մի հարց տալ,— հայտարարեց Դար-Հիալը։— Ասացեք, Լեո, ինչո՞ւ է կինը սիրում այն տղամարդուն, որը նրան ծեծում է։

— Եվ չի սիրում այն տղամարդուն, որը նրան չի՞ ծեծում. դուք այդպե՞ս եք ենթադրում,— ծաղրանքով հարցրեց Լեոն։

— Ճիշտ այդպես։

— Ի՞նչ արած, Դար, մասամբ դուք իրավացի եք, սակայն առավել չափով՝ անիրավացի։ Պարոնայք, ես ձեզանից հաճախ եմ լսել ձևակերպումների ճշգրտության մասին։ Այնպես որ, դուք շատ հմտորեն շրջանցեցիք այն ձեր այդ երկու սկզբունքներում։ Թույլ տվեք այդ բանը անել ձեր փոխարեն։ Ուրեմն, սիրած կնոջը ծեծելու ընդունակ տղամարդը ստորին կարգի տղամարդ է։ Իսկ այդպիսի տղամարդուն սիրող կինը՝ նույնպես ստորին կարգի կին է։ Երբեք բարձրագույն կարգի տղամարդը չի ծեծի իր սիրած կնոջը։ Եվ բարձրագույն կարգի ոչ մի կին,— այս խոսքի վրա Լեոյի հայացքը ակամա դարձավ Պաոլայի կողմր,— չի կարող սիրել այն տղամարդուն, որը նրան ծեծում է։

— Ոչ, Լեո, հավատացնում եմ ձեզ, որ ես երբեք, երբեք չեմ ծեծել Պաոլային,— ասաց Դիկը։

— Տեսնո՞ւմ եք, Դար,— շարունակեց Լեոն, կարմրատակելով,— դուք սխալվում եք. Պաոլան սիրում է Դիկին, և Դիկն էլ նրան չի ծեծում։

Դիկը ծիծաղկոտ և գոհունակ դեմքով դարձավ Պաոլայի կողմը, ասես սպասելով պատանու խոսքերի նրա լռելյայն հաստատումին։ Իրականում նա կամենում էր տեսնել, թե ինչպիսի տպավորություն են թողել այդ խոսքերը հոգեկան այնպիսի կացության դեպքում, որի մասին նա կռահում էր։ Կնոջ աչքերում իսկապես մի անորսալի բան փայլատակեց, թե ինչ նա չհասկացավ։ Գրեհեմի դեմքն անփոփոխ էր, նրա դեմքը միայն հետաքրքրասիրություն էր արտահայտում վիճաբանության նկատմամբ։

— Այսօր կինը, անկասկած, գտել է իր ասպետին, իր սուրբ Գևորգին,— Լեոյին դիմեց Գրեհեմը։— Դուք ինձ ամաչեցրիք, Լեո։ Ես այստեղ հանգիստ նստել եմ, իսկ դուք մարտնչում եք երեք վիշապների դեմ։

— Այն էլ ինչպիսի՜ վիշապների,— միջամտեց Պաոլան։— Եթե նրանք Օ֊Հեյին հասցրին հարբեցողության, ապա ի՛նչ կանեն ձեզ հետ, Լեո։

— Սիրո իսկական ասպետին աշխարհում և ոչ մի վիշապ չի վախեցնի,— ասաց Դիկը։— Իսկ ամենից լավն այն է, որ տվյալ դեպքում վիշապները ավելի իրավացի են, քան դուք կարծում եք։ Բայց և այնպես, դուք, Լեո, շատ ավելի իրավացի եք, քան թե նրանք։

— Այստեղ բարի վիշապ էլ կա, սիրելի Լեո,— սկսեց Թերենսը։— Այդ վիշապը պատրաստ է նահանջել իր անարժան ընկերներից, անցնել ձեր կազմն ու դառնալ սուրբ Տերենցիոս։ Եվ այդ սուրբ Տերենցիոսը կկամենար ձեզ մի շատ հետաքրքիր հարց տալ։

— Թույլ տվեք, մինչ այդ, մի վիշապ էլ ոռնա,— ընդհատեց նրան Հենքոկը։— Լեո, հանուն այն ամենի, ինչ պարունակում է քնքուշ ու գեղեցիկ սերը, խնդրում եմ ձեզ, ասացեք, ինչո՞ւ է տղամարդը այդքան հաճախ խանդից սպանում իր սիրած կնոջը։

— Որովհետև նա ցավատանջ է լինում, որովհետև խենթանում է,— հետևեց պատասխանը,— որովհետև նա դժբախտություն է ունեցել սիրելու այնքան ստորին կարգի մի կնոջ, որը կարողացել է խանդի առիթ տալ։

— Բայց, Լեո,— պատասխանեց Դիկը,— սիրո համար յուրահատուկ է մոլորությունը։ Ավելի սպառիչ պատասխան տվեք։

— Դիկն իրավացի է,— հաստատեց նրան Թերենսը։— Սիրո մեջ սխալվում են նաև ամենաբարձր կարգի մարդիկ, և այդ ժամանակ բեմի վրա հայտնվում է «կանաչ աչքերով հրեշը»։ Պատկերացրեք, որ ամենակատարյալ կինը, որպիսին կարող է ուրվագծել ձեզ համար ձեր երևակայությունը, դադարում է սիրել նրան, ով իրեն չի ծեծում, և սկսում է սիրել մեկ ուրիշին, ով իրեն նույնպես չի ծեծում։ Ի՞նչ է ստացվում։ Եվ մի՛ մոռացեք, որ երեքն էլ պատկանում են բարձրագույն կարգին։ Հապա, վերցրեք ձեր սուրը ու հարվածեցեք վիշապին։

— Առաջինը այդ կնոջը չի սպանի և ոչնչով չի վիրավորի,— վճռականորեն հայտարարեց Լեոն։— Այլապես նա չէր լինի այն մարդը, որպիսին դուք նրան պատկերացնում եք։ Նա կպատկաներ ոչ թե բարձրագույն, այլ ստորին կարգին։

— Դուք կամենում եք ասել, որ նա պետք է մի կո՞ղմ քաշվի,— հարցրեց Դիկը ծխելով ու չնայելով ոչ մեկին։

Լեոն լուրջ տեսքով գլխով արեց։

— Նա ոչ միայն մի կողմ կքաշվի, այլև կթեթևացնի կնոջ վիճակը և նրա հետ կվարվի քնքշորեն ու հոգատարությամբ։

— Եկեք ավելի որոշակի խոսենք,— առաջարկեց Հենքոկը։— Ենթադրենք, դուք սիրահարվել եք միսիս Ֆորրեսթին, նա էլ սիրում է ձեզ, և միասին փախչում եք մեծ լիմուզինով...

— Օ՜հ, ես երբեք այդպիսի բան չէի անի,— բացականչեց պատանին. նրա այտերը շիկնել էին։

— Գիտեք ինչ, Լեո, դա ինձ համար այնքան էլ շոյող բան չէ,— ծաղրեց նրան Պաոլան։

— Ախր սա միայն ենթադրություն է, Լեո,— հանգստացրեց նրան Հենքոկը։

Պատանին խեղճացել էր, ձայնը դողում էր։ Սակայն նա համարձակորեն շրջվեց դեպի Դիկն ու ասաց.

-— Պատասխանը տալու է Դիկը։

— Ես կպատասխանեմ,— ասաց Դիկը։— Պաոլային ես չէի սպանի։ Ձեզ էլ չէի սպանի, Լեո։ Դա անազնիվ խաղ կլիներ։ Որքան էլ դա ինձ ցավ պատճառեր, ես կասեի. «Օրհնում եմ ձեզ, զավակներս»։ Բայց և այնպես...— նա լռեց, շուրթերի անկյուններում խաղացող ժպիտը ինչ-որ կատակ էր նախագուշակում։— Բայց և այնպես, յուրովի կմտածեի. որ Լեոն լուրջ սխալ է կատարում. բանն այն է, որ Լեոն Պաոլային բնավ չի ճանաչում։

— Նա Լեոյին կխանգարեր աստղերով հիանալ,— ժպտաց Թերենսը։

— Ո՛չ, ո՛չ, Լեո՛։ Երբեք չեմ խանգարի, խոստանում եմ,— բացականչեց Պաոլան։

— Դուք ինքներդ ձեզ եք խաբում, միսիս Ֆորրեսթ,— ասաց Թերենսը։— Նախ՝ դուք չէիք կարողանա այդ հարցում ձեզ զսպել, բացի այդ, դա կլիներ ձեր ուղղակի պարտականությունը։ Իսկ վերջում թույլ տվեք ասելու հետևյալը. ես այդ կապակցությամբ որոշակի իրավունք ունեմ, երբ երիտասարդ էի, խենթ ու սիրահար, և սիրտս ձգտում էր դեպի կանայք, իսկ հայացքս՝ աստղերին, ինձ համար ամենամեծ երջանկությունը կլիներ, եթե իմ սրտի սիրած կինը իր սիրով կտրեր ինձ աստղերից։

— Թերենս, այդքան սքանչելի բաներ մի ասեք, այլապես լիմուզինով կփախչեմ և Լեոյի, և ձեզ հետ,— բացականչեց Պաոլան։

— Նշանակեցեք օրը,— նրբակրթորեն պատասխանեց Թերենսը։— Միայն թե ձեր ճամպրուկում տեղ թողեք աստղերի մասին մի քանի գրքերի համար, որպեսզի ես ու Լեոն ուսումնասիրենք դրանք մեր ազատ ժամերին։

Լեոյի շուրջը սկսված վեճը աստիճանաբար հանդարտվեց, և Դար֊Հիալն ու Ահարոնը գրոհեցին Դիկի վրա։

— Դուք ի՞նչ նկատի ունեիք, երբ ասացիք. «Դա անազնիվ խաղ կլիներ»,— հարցրեց Դար֊Հիալը։

— Հատկապես այն, ինչ ասաց նաև Լեոն,— պատասխանեց Դիկը. նա զգաց, որ Պաոլայի տագնապն ու անհանգստությունը անհետացան, և այժմ Պաոլան ագահ հետաքրքրասիրությամբ ականջ է դրել իրենց խոսակցությանը։— Իմ տեսակետների և իմ բնավորության պայմաններում,— շարունակեց նա,— ես չէի կարող համբուրել այն կնոջը, որը միայն հանդուրժում է իմ համբույրները, դա ինձ համար կլիներ ամենածանր հոգեկան տառապանքը։

— Բայց ընդունո՞ւմ եք, որ նա կձևացներ. հանուն անցյալի, կամ ձեզ խղճալուց, վախենալով, որ կվշտացնի ձեզ,— պնդեց Հենքոկը։

— Այդպես ձևանալը ես կհամարեի աններելի մեղսագործություն նրա կողմից,— առարկեց Դիկը։— Այս դեպքում անազնիվ խաղը նա վարած կլիներ։ Անազնիվ ու անիրավացի բան է սիրած կնոջը կողքից պահելը թեկուզև մեկ րոպե ավելի, քան թե նա կկամենար։ Բացի այդ, ամենաչնչին իսկ երջանկություն չէր պատճառի դա ինձ։ Լեոն իրավացի է։ Որևէ հարբած արհեստավոր, թերևս, կկարողանա բռունցքի ուժով իր կողքին պահել հիմար ընկերուհուն, բայց ավելի նրբակիրթ բնավորությամբ և ինտելեկտի ու խոր հոգեկանի նշույլ ունեցող տղամարդիկ չեն կարող սիրույն մոտենալ կոպիտ ձեռքերով։ Ես, ինչպես և Լեոն, ամեն կերպ կթեթևացնենք կնոջ վիճակը և նրա հետ կվարվենք չափազանց խնամքով։

— Այդ դեպքում որտե՞ղ է կորչում միակնության բնազդը, որով այդպես հպարտանում է արևմտյան քաղաքակրթությունը,— հարցրեց Դար֊Հիալը։

Իսկ Հենքոկը ավելացրեց.

— Դուք, ուրեմն, պաշտպանում եք ազատ սե՞րը։

— Դժբախտաբար, ես կարող եմ պատասխանել սոսկ հնացած ձևակերպումով. անազատ սեր լինել չի կարող։ Խնդրում եմ ձեզ միաժամանակ նկատի ունենալ, որ մենք միշտ աչքի տակ ունենք բարձրագույն կարգի մարդկանց։ Եվ թող դա ձեզ համար լինի պատասխան, Դար։ Վիթխարի մեծամասնությունը, ըստ երևույթին օրենքի ու աշխատանքի շահերից ելնելով, կապված է միակնության ինստիտուտով և կամ ամուսնության որևէ այլ դաժան ու ոչ ճկուն ձևով։ Այն չի հասունացել ամուսնության մեջ եղած ազատության, և ոչ էլ ազատ սիրո։ Նրա համար ազատ սերը կլիներ պարզապես անառակություն։ Միայն այն ազգերը չեն մեռել ու հասել են զարգացման բարձր մակարդակի, որտեղ կրոնն ու պետությունը սանձահարել և զսպել են ժողովրդի բնազդները։

— Կնշանակի, ինքներդ ձեզ համար ամուսնական օրենքներ չե՞ք ընդունում,— հարցրեց Դար-Հիալը։— Դուք այդ օրենքներն ընդունելի եք համարում միայն ուրիշների՞ համար։

— Ես ընդունելի եմ համարում բոլորի համար։ Երեխաները, ընտանիքը, կարիերան, հասարակությունը, պետությունը, այս ամենը ամուսնությունը, օրինական ամուսնությունը դարձնում են անհրաժեշտ։ Բայց հենց այդ պատճառով էլ ես ընդունում եմ ամուսնալուծությունը։ Տղամարդիկ, առանց բացառության, և կանայք ևս ընդունակ են իրենց կյանքի ընթացքում սիրել մեկ անգամից ավելի. յուրաքանչյուրի մոտ հին սերը կարող է մեռնել և կարող է ծնվել նորը։ Պետությունը իշխանություն չունի սիրո վրա այնպես, ինչպես և իշխանություն չունեն ոչ տղամարդը, ոչ էլ կինը։ Երբ մարդ սիրահարվել է, նա գիտե միայն, որ սիրահարվել է, և ուրիշ ոչինչ, ահավասիկ՝ թրթռացող, հառաչող, երգող, հուզվո՜ղ սերը։ Բայց անառակության դեմ պետությունը պայքարել կարող է։

— Դեհ, դուք բավականին բարդ ազատ սեր եք պաշտպանում,— գլուխն օրորեց Հենքոկը։

— Ճիշտ է։ Բայց չէ՞ որ հասարակության մեջ ապրող մարդն էլ ծայրագույն աստիճանի բարդ արարած է։

— Սակայն կան ախր տղամարդիկ, կան սիրեկաններ, որոնք կմեռնեին, եթե կորցնեին իրենց սիրածին,— հայտարարեց Լեոն անսպասելի համարձակությամբ։— Նրանք կմեռնեին, եթե կինը հանկարծ չլիներ, և... առավել ևս... եթե այդ կինն ապրեր, բայց սիրեր ուրիշին։

— Ի՛նչ արած, այդպիսիներն էլ թող մեռնեն, ինչպես որ միշտ մեռել են,— մռայլադեմ պատասխանեց Դիկը։— Նրանց մահվան համար ոչ ոքի չես մեղադրի։ Մենք ախր այնպես ենք ստեղծված, որ մեր սրտերը երբեմն շեղվում են ճանապարհից։

— Իմ սիրտը երբեք չի շեղվի,— հպարտությամբ հայտարարեց Լեոն, չկասկածելով, որ իր գաղտնիքը հայտնի է. սեղանի շուրջը նստածներին առանց բացառության։— Ես հաստատ գիտեմ, որ երկու անգամ սիրել չէի կարողանա։

— Հավատում եմ, տղաս,— քնքշորեն պատասխանեց Թերենսը։— Ձեր ձայնով խոսում է իսկական սերը։ Սիրո երջանկությունն էլ հենց դրա բացարձակության մեջ է... Ինչպե՞ս է ասում Շելլին... Թե՞ Քիտսը. «Ամեն ինչ հրաշք է ու անսահման բերկրանք»։ Որքա՜ն խղճուկ, ֆլեգմատիկ սիրող տղամարդ կլիներ նա, ով կարող էր հավանական համարել, թե աշխարհում կին կա, թեկուզև հարյուրերորդական չափով նույնքան անուշիկ, հիասքանչ, փայլուն և սքանչելի, որքան իր սրտի տիրուհին, և որ նա կկարողանա երբևէ սիրել մեկ ուրիշին։

Ճաշարանից դուրս գալով և Դար֊Հիալի հետ զրույցը շարունակելով՝ Դիկը հանում էր կռահել. կհամբուրի՞ արդյոք Պաոլան բարի գիշեր մաղթելով, թե՞ դաշնամուրի մոտից հեռանալով, անաղմուկ կգնա իր ննջարանը։ Իսկ Պաոլան, Լեոյի հետ զրուցելով նրա վերջին սոնետի մասին, որ ցույց էր տվել բանաստեղծը, հարցնում էր յուրովի. համբուրի՞ արդյոք Դիկին։ Եվ հանկարծ, չգիտես ինչու, նա սարսափելի ցանկություն ունեցավ այդ բանն անելու։

Գլուխ XXIII

Այդ երեկո խոսք ու զրույցը քիչ էր։ Դաշնամուրի մոտ նստած Պաոլան երգում էր, իսկ Թերենսը հանկարծ կես խոսքի վրա ընդհատեց իր դատողությունները սիրո մասին և ականջ դրեց նրա ձայնին, որտեղ զգացվում էր ինչ-որ նոր բան։ Հետո զգուշորեն գնաց սենյակի մյուս ծայրն ու պառկեց արջի մորթու վրա, Լեոյի կողքին։ Դար֊Հիալն ու Հենքոկը ևս դադարեցրին վեճը, և ամեն մեկը նստեց խոր բազմոցին։ Գրեհեմին, երևի, ավելի քիչ էր դա հետաքրքրում, ու նա խորասուզվեց ինչ֊որ հանդեսի վերջին համարի ընթերցանության մեջ։ Բայց Դիկը նկատեց, որ նա այնպես էլ ոչ մի էջ չշրջեց։ Դիկը մի նոր երանգ էլ որսաց կնոջ ձայնի մեջ ու սկսեց բացատրություն որոնել։

Երբ Պաոլան ավարտեց երգը, երեք իմաստունները նետվեցին դեպի նա ու հայտարարեցին, որ, վերջապես, երգեցողությանը տրվել է իր ամբողջ էությամբ և երգել է, ինչպես երբեք։ Նրանք համոզված էին, որ այդպիսի րոպե վաղ թե ուշ վրա էր հասնելու։ Լեոն պառկած էր լուռ և անշարժ, գլուխը ափերով բռնած։ Նրա դեմքը մի նոր արտահայտություն էր ստացել։

— Պատճառը ձեր խոսակցություններն են,— ծիծաղելով նկատեց Պաոլան,— և սիրո մասին այն հիանալի մտքերը, որոնք ինձ ներշնչեցին Լեոն, Թերենսը և... Դիկը։

Թերենսը թափահարեց իր ալեհեր առյուծաբաշը։

— Դրանք մտքեր չեն, այլ ավելի շուտ՝ զգացմունքներ,— ուղղեց նա Պաոլային։— Այսօր ձեր ձայնով երգում էր ինքը սերը։ Եվ առաջին անգամ, տիկին, ես լսեցի այդ ձայնի ողջ ուժը։ Այլևս երբեք չբողոքեք, թե փոքր ձայն ունեք։ Ոչ, այն թանձր է ու բոլորակ, ինչպես ճոպանը, ոսկե մեծ ճոպանը, որի օգնությամբ երանելի կղզիների նավահանգիստների կառանատեղիներում կապում են արգոնավորդների նավերը։

— Դրա դիմաց ես հիմա ձեզ համար կերգեմ «Փառաբանվիր»,— պատասխանեց Պաոլան,— կտոնենք վիշապի մահը, որին սպանել է սուրբ Առյուծը, սուրբ Տերենցիոսը... և, իհարկե, սուրբ Ռիչարդը։

Այս խոսակցությունից ոչ մի բառ բաց չթողած Դիկը, չկամենալով մասնակցություն ունենալ, հեռացավ դեպի պահարանն ու սոդայաջրով շոտլանդական վիսկի լցրեց իր համար։

Մինչ Պաոլան երգում էր «Փառաբանվիր»֊ը, նա նստել էր գահավորակներից մեկին, ումպ-ումպ վիսկի էր խմում և հիշում էր։ Պաոլան երկու անգամ էր երգել այնպես, ինչպես այսօր, մի անգամ Փարիզում, իր կարճատև փեսայության ժամանակ, իսկ հետո՝ զբո՛սանավի վրա, ամուսնությունից անմիջապես հետո, մեղրամսի ժամանակ։

Քիչ անց Գրեհեմին էլ առաջարկեց խմել, վիսկի լցրեց և՛ իր, և՛ նրա համար, իսկ երբ Պաոլան ավարտեց, Դիկը պահանջեց, որ նրանք երկուսով երգեն «Գնչուների արահետով» երգը։

Պաոլան գլուխն օրորեց ու երգեց «Մոռացման խոտը»։

— Մի՞թե դա կին է,— բացականչեց Լեոն, երբ Պաոլան լռեց։— Դա զարհուրելի կին է։ Իսկ նա իսկական սիրեկան է։ Կինը փշրել է նրա սիրտը, իսկ նա շարունակում է սիրել կնոջը։ Եվ նա ուժ ունի նորից սիրելու, քանի որ չի կարող մոռանալ այդ կնոջ նկատմամբ տածած սերը։

— Իսկ այժմ, Ալ Ամպ, «Կաղինի երգը»...— ասաց Պաոլան, ժպտադեմ դիմելով ամուսնուն։— Դիր բաժակը, եղիր սիրալիր ու երգիր կաղինի մասին քո երգը։

Դիկը ծուլորեն վեր կացավ գահավորակից, գլուխը ցնցեց, ասես թափահարում էր բաշը, և թփթփացրեց ոտքերը, նմանեցնելով Լեռնցուն։

— Թող Լեոն իմանա, որ այստեղ միայն ինքը չէ բանաստեղծն ու սիրո ասպետը։ Լսեցեք, Թերենս, և մյուսներդ, լսեցեք Լեռնցու երգը, որը լի է կատաղի բերկրանքով։ Լեռնցին սիրածի համար չի հառաչում, բնավ։ Նա ինքը սիրո մարմնացում է։ Լսեցեք նրան։

Եվ Դիկը, ոտքերը թփթփացնելով ու իբր բաշը թափահարելով, սենյակով մեկ ուրախ և կատաղի խրխնջաց։

— «Ես Էրո՜սն եմ։ Ես ոտքի տակ եմ տալիս բլուրները։ Իմ կանչով լի են ընդարձակ հովիտները։ Զամբիկները խաղաղ արոտավայրերում լսում են իմ կանչն ու ցնցվում, նրանք ճանաչում են ինձ։ Հողը լի է ուժով և ծառերը՝ հյութով։ Դա գարունն է։ Գարունը իմն է։ Ես արքա եմ իմ գարնանային արքայության մեջ։ Զամբիկներն հիշում են իմ ձայնը, որն ապրել է նրանց մայրերի արյան մեջ։ Ունկնդրեցե՜ք։ Ես Էրո՜սն եմ։ Ես ոտնատակ եմ տալիս բլուրները, և մունետիկների պես հովիտները տարածում են իմ ձայնը՝ լուր տալով իմ ժամանման մասին»։

Իմաստուններն առաջին անգամ էին լսում Դիկի այդ երգն ու հիացմունքով ծափահարեցին։ Հենքոկը վճռեց, որ դա հիանալի մի առիթ է նոր վիճաբանության համար, և արդեն կամենում էր Բերգսոնի հիման վրա զարգացնել սիրո մի նոր տեսություն, բայց նրան զսպեց Թերենսը, նկատելով, թե ինչպես Լեոյի դեմքին ցավատանջ մի արտահայտություն հայտնվեց։

— Շարունակեցեք, խնդրում եմ, տիկին,— խնդրեց Թերենսը,— ու երգեցեք սիրո և միայն սիրո մասին, դուք չեք կարող պատկերացնել, թե կանացի ձայնի հնչյունները որքան են մեզ օգնում խորհելու աստղերի մասին։

Մի փոքր անց սենյակ մտավ Օ-Երգը և սպասելով, մինչև Պաոլան կավարտեր երգը, անաղմուկ մոտեցավ Գրեհեմին ու մի հեռագիր հանձնեց նրան։ Դիկը դժգոհությամր ծուռ-ծուռ նայեց ծառային։

— Կարծես, շատ կարևոր է,— բացատրեց չինացին։

— Ո՞վ է ընդունել,— հարցրեց Դիկը։

— Ես,— պատասխանեց ծառան։— Էլդորադոյից զանգահարեց հերթապահը։ Ասաց, որ շատ կարևոր է։ Ես էլ ընդունեցի։

— Այո, կարևոր է,— նրա հեռանալուց հետո կրկնեց Գրեհեմը՝ ծալելով հեռագիրը։— Դիկ, ասացեք, այսօր Սան-Ֆրանցիսկո մեկնող գնացք դեռ կա՞։

— Օ֊Երգ, վերադարձիր մի րոպե,— ծառային կանչեց Դիկը, նայելով ժամացույցին։— Սան֊Ֆրանցիսկո մեկնող առաջիկա ո՞ր գնացքն է կանգնում Էլդորադոյում։

— Տասնմեկն անց տասը րոպե,— անմիջապես հետևեց պատասխանը։— Դեռ ժամանակ կա։ Բայց կարճ ժամանակ։ Վարորդին կանչե՞մ։

Դիկը գլիով արեց։

— Դուք իսկապե՞ս անպայման այսօր եք սլանալու,— հարցրեց նա Գրեհեմին։

— Իսկապես։ Շատ անհրաժեշտ է։ Կհասցնե՞մ իրերս կապել։

— Կհասցնեք ճամպրուկի մեջ տեղավորել ամենից անհրաժեշտը։— Նա դարձավ Օ֊Երգին։— Օ֊Տուրը դեռ չի՞ պառկել։

— Ոչ, սըր։

— Նրան ուղարկիր, որպեսզի օգնի միստր Գրեհեմին։ Եվ հենց որ մեքենան պատրաստ լինի, տեղեկացրեք ինձ։ Սոնդերսը թող վերցնի արագընթաց մեքենան։

— Ի՜նչ հիանալի երիտասարդ է... վայելչակազմ, ուժեղ,— կիսաձայն նկատեց Թերենսը, երբ Գրեհեմը դուրս եկավ։

Մյուսները հավաքվեցին Դիկի շուրջը։ Միայն Պաոլան մնաց դաշնամուրի մոտ նստած և լսում էր։

— Այն բացառիկ մարդկանցից մեկն է, որի հետ ես կգնայի նույնիսկ գրողի ծոցը, համարձակորեն կձեռնարկեի նույնիսկ ամենաանհուսալի գործը,— ասաց Դիկը։— Նա «Նեդերմեր» նավի վրա էր, երբ իննսունյոթ թվականին, փոթորիկի ժամանակ, Պանգոյի մոտ նավը խրվեց ծանծաղուտը։ Պանգոն սովորական, անմարդաբնակ, ավազուտ մի կղզի է, մոտ տասներկու ֆուտ ծովի մակերևույթից բարձր, և այնտեղ կարելի է տեսնել միայն կոկոսյան արմավենիների պուրակներ։ Ուղևորների մեջ գտնվում էին քառասուն կին, գլխավորապես անգլիական սպաների կանայք։ Իսկ Գրեհեմի ձեռքն ուռել էր, դարձել ոտքի նման հաստ, և ցավում էր. օձն էր խայթել։

Ծովը կատաղել էր, նավակներ իջեցնել չէին կարող։ Երկու նավակ արդեն փշուր֊փշուր էր եղել, իսկ անձնակազմը խեղդվել էր։ Չորս նավաստիներ հանձն առան թոկի ծայրը ափ հասցնել, և նրանցից ամեն մեկին, արդեն մեռած, ետ քաշեցին դեպի նավը։ Երբ պատրաստվում էր գնալ չորրորդը, Գրեհեմը, չնայած իր ուռած ձեռքին, հանվեց ու վերցրեց թոկը։ Եվ կարողացավ ափ հասնել, ու թեև ալիքը նրան այնպես շպրտեց, որ, պակասն էլ լրացնելով, կոտրվեցին հիվանդ ձեռքն ու երեք կողոսկրները, այնուհանդերձ նա կարողացավ ամրացնել թոկը, նախքան կկորցներ գիտակցությունը։ Վեց հոգի, թոկից կառչած, ձգեցին ճոպանը։ Չորս հոգի կարողացան ափ հասնել, և քառասուն կանանցից մեռավ միայն մեկը, այն էլ վախից։ Նրա սիրտը չէր դիմացել։

Մի առիթով ես նրան հարցրեցի այդ դեպքի մասին։ Բայց նա չպատասխանեց զտարյուն անգչիացու համառությամբ։ Այն ամենը, ինչ կարողացա դուրս կորզել նրանից, հետևյալն էր. արագ ապաքինվում է և ոչ մի բարդություն չկա։ Նա ենթադրում էր, որ համառորեն լողալու անհրաժեշտությունն ու ոսկորի կոտրվածքը ծառայել են որպես շատ լավ հակաթույն։

Այդ րոպեին երկու կողմերից սենյակ մտան Օ-Երգն ու Գրեհեմը։ Եվ Դիկը տեսավ, որ ամենից առաջ Գրեհեմը Պաոլայի կողմը նայեց հարցական մի հայացքով։

— Ամեն բան պատրաստ է, սըր,— զեկուցեց Օ֊Երգը։

Դիկը մտադիր էր հյուրին ուղեկցել մինչև մեքենան, իսկ Պաոլան, ըստ երևույթին, վճռեց մնալ տանը։

Գրեհեմը մոտեցավ նրան և հրաժեշտի ու ափսոսանքի մի քանի շատ սովորական խոսքեր ասաց։

Իսկ Պաոլան, դեռևս տաքացած այն ամենից, ինչ հենց նոր պատմել էր Դիկը նրա մասին, հիանում էր Գրեհեմով. նրա գլխի թեթև ու հպարտ կեցվածքով, անփոլթորեն ետ սանրած ոսկեգույն մազերով, նրա բարեկազմ, ճկուն և, չնայած հասակին ու լայն թիկունքին, պատանեկան կերպարանքով։ Երբ նա մոտեցավ Պաոլային, կնոջ հայացքն արդեն չէր կտրվում Գրեհեմի փոքր-ինչ ծանր կոպերով շեղ ու մոխրագույն աչքերից, որոնք նրա դեմքին տալիս էին տղայական համառ մի արտահայտություն։ Եվ Պաոլան սպասում էր, որ այդ արտահայտությունն անհետանա, տեղը զիջելով ժպիտին, որն այնքա՜ն ծանոթ էր իրեն։

Նա Պաոլային հրաժեշտ տվեց սովորական բառերով։ Իսկ Պաոլան չարտահայտեց ափսոսանքի ընդունված խոսքեր։ Սակայն, երբ Գրեհեմը բռնել էր Պաոլայի ձեռքը, նրա աչքերում կար այն յուրահատուկ երանգը, որին կինը անգիտակցորեն սպասում էր և որին պատասխանեց միայն հայացքով,

Պաոլան դա զգաց նաև, երբ նա աճապարանքով սեղմեց ձեռքը։ Եվ ակամայից պատասխանեց նույնպիսի ձեռքսեղմումով։ Այո, Գրեհեմն իրավացի է, նրանց համար բառերն անհրաժեշտ չեն։

Այն պահին, երբ նրանք ձեռքերը հեռացան միմյանցից, Պաոլան գողունի նայեց Դիկին, որովհետև ամուսնական կյանքի տասներկու տարիների ընթացքում համոզվել էր, որ Դիկն ունենում է կայծակնային խորաթափանցություն և հազիվ նշմարելի նախանշանների հիման վրա փաստերը գուշակելու գրեթե վախեցնող, ինչ-որ գերբնական ընդունակությունների բռնկումներ, և կատարում է հաճախ իրենց դիպուկությամբ ու շրջահայացությամբ ապշեցնող եզրակացություններ։ Բայց Դիկը կանգնած էր կողքով ու ծիծաղում էր Լենքոկի ինչ-որ խոսքի վրա. նա ծիծաղկոտ հայացքով նայեց կնոջը այն ժամանակ միայն, երբ պատրաստվում էր ճանապարհ դնել Գրեհեմին։

Ոչ, մտածեց Պաոլան, հավանաբար, Դիկը չնկատեց այն, ինչ իրենք քիչ առաջ ասացին իրար առանց խոսքերի։ Չէ՞ որ դա տևեց սոսկ մի վայրկյան, դա միայն նրանց աչքերում բռնկած կայծ էր, մատների ակնթարթային մի թրթիռ... Ինչպե՞ս կարող էր զգալ կամ տեսնել դա Դիկը։ Ոչ, նա չէր կարող տեսնել ոչ նրանց աչքերը, ոչ էլ ձեռքերը, չէ՞ որ Գրեհեմը մեջքով էր կանգնել դեպի Դիկը և ծածկել էր Պաոլային։

Բայց նա զղջաց, որ Դիկի վրա նետել է այդ հայացքը։ Երբ նրանք, երկուսն էլ՝ հաղթանդամ ու շիկահեր տղամարդիկ, հեռացան, Պաոլայի մեջ ծնվեց մեղսագործութչան աղոտ մի զգացում։ «Բայց ես ինչո՞վ եմ մեղավոր,— յուրովի հարցրեց նա։— Ինչո՞ւ պետք է ինչ-որ բան թաքցնեմ»։— Այնուամենայնիվ, Պաոլան չափազանց ազնիվ էր ճշմարտությունից չվախենալու համար, և անմիջապես առանց վերապահության ինքն իրեն խոստովանեց. այո, ինքը թաքցնելու բան ունի։ Նա խիստ կարմրատակեց այն մտքից, որ ակամա հասել է մինչև խաբեություն։

— Ես երկու֊երեք օր այնտեղ կմնամ...— մինչ այդ ասում էր Գրեհեմը, մեքենայի դռան մոտ կանգնած ու հրաժեշտ տալով Դիկին։

Դիկը տեսավ Իվենի ուղղամիտ ու ազնիվ հայացքը և զգաց նրա ձեռքսեղմումի անկեղծությունը։ Գրեհեմը ինչ-որ բան էր կամենում ավելացնել, բայց զսպեց իրեն (Դիկն զգաց այդ) և մեղմորեն ասաց.

— Երբ վերադառնամ, հավանաբար, արդեն իսկապես անհրաժեշտ կլինի ճանապարհ ընկնել։

— Հապա գի՞րքը։— հարցրեց Դիկը, յուրովի ինքն իրեն անիծելով ուրախության այն պոռթկումի համար, որը հետևանք էր Գրեհեմի խոսքերի։

— Հատկապես այդ պատճառով,— պատասխանեց Գրեհեմը։— Ախր պետք է ավարտեմ։ Ըստ երևույթին, ես ընդունակ չեմ աշխատել այնպես, ինչպես դուք։ Այստեղ չափազանց լավ է։ Նստում եմ աշխատելու, նստում եմ, իսկ ականջներիս մեջ ճռվողում են այն չարաճճի արտույտները, ես տեսնում եմ դաշտերը, անտառածածկ կիրճերը, Սելիմին... Անգործ նստում եմ մոտ մի ժամ, իսկ հետո զանգահարում, որ ձին թամբեն։ Իսկ եթե դա չհաշվենք, ապա կան հազարավոր այլ գայթակղություններ։— Նա ոտքը դրեց հռնդացող մեքենայի ոտնակին ու ասաց.— Դե, առայժմ, ցտեսություն, բարեկամ։

— Վերադարձեք ու ձեզ հավաքեցեք,— պատասխանեց Դիկը։— Եթե այլ կերպ հնարավոր չէ, մենք օրվա խիստ կարգուկանոն կսահմանենք, և ես առավոտից ձեզ կփակեմ սենյակում, մինչև որ հարկ եղածին չափ չաշխատեք։ Իսկ եթե ամբողջ օրվա ընթացքում ոչինչ չանեք, ապա փակված կլինեք ողջ օրը։ Ես ձեզ կստիպեմ աշխատել։ Սիգարեթ ունե՞ք։ Իսկ լուցկի՞։

— Ամեն բան տեղին է։

— Ուրեմն, մեկնեցեք, Սոնդերս,— վարորդին հրամայեց Դիկը։

Եվ վառ լուսավորված դարբասից մեքենան սուզվեց խավարի մեջ։

Երբ Դիկը վերադարձավ, Պաոլան նվագում էր իմաստունների համար։ Դիկը պառկեց բազմոցին ու դարձյալ սկսեց գուշակել, կհամբուրի՞ իրեն կինը, թե՞ ոչ, երբ բարի գիշեո մաղթի։ Ոչ թե այն պատճառով, որ սովորություն էր դարձել համբուրելը բարի գիշեր մաղթելիս, բնավ ոչ։ Շատ ու շատ հաճախ նա կնոջը հանդիպում էր միայն ցերեկով և կողմնակի մարդկանց ներկայությամբ։ Շատ ու շատ հաճախ կինը մյուսներից շուտ էր գնում քնելու, ոչ ոքի չանհանգստացնելով, ամուսնուն հրաժեշտ չտալով, քանզի դա կարող էր հյուրերի կողմից դիտվել որպես ակնարկ, թե ժամանակն է, որ նրանք ևս հեռանան։

Ոչ, վճռեց Դիկը, այս երեկո նա կհամբուրի՞ իրեն, թե ոչ, վճռականորեն ոչ մի նշանակություն չունի։ Բայց և այնպես սպասում էր։

Պաոլան շարունակում էր մերթ երգել, մերթ նվազել, մինչև որ Դիկը քնեց։ Երբ արթնացավ, սենյակում միայն ինքն էր։ Պաոլան և իմաստունները գնացել էին անաղմուկ։ Դիկը նայեց ժամացույցին, սլաքները ցույց էին տալիս ժամը մեկը։ Պաոլան շատ երկար էր նստել դաշնամուրի մոտ։ Դիկը գիտեր, զգում էր, որ կինը դուրս է եկել քիչ առաջ։ Նրան արթնացրել էր հատկապես այն, որ երաժշտությունը դադարել էր և սենյակում լռություն էր տիրել։

Բայց և այնպես նա շարունակում էր զարմանալ։ Առաջներում էլ Դիկը ննջել էր նրա նվագի տակ, և միշտ էլ, նվագելն ավարտելով, Պաոլան համբույրով արթնացրել ու անկողին էր պառկեցրել ամուսնուն։ Այսօր նա այդ բանը չարեց։ Գուցե դեռ կվերադառնա՞։ Դիկը նորից պառկեց ու կիսանիրհի մեջ սկսեց սպասել։ Երբ դարձյալ նայեց ժամացույցին՝ երկուսն էր։ Պաոլան չվերադարձավ։

Ննջարան գնալիս նա մարում էր էլեկտրական լույսը բոլոր սենյակներում, իսկ գլխում հազարավոր դատարկ մանրուքներ կապվում֊միանում էին իրար հետ և ակամա եզրակացությունների համար կասկածներ էին ծնում։

Հայտնվելով իր պատշգամբ֊ննջարանում՝ նա կանգ ձսռավ ծանրաչափով ու ջերմաչափով պատի առաջ, և կլոր շրջանակի մեջ դրված Պաոլայի դիմանկարը իր վրա գամեց Դիկի հայացքը։ Նա նույնիսկ առաջ թեքվեց ու երկար ուսումնասիրում էր կնոջ դեմքը։

— Դե ինչ...— Դիկը վրան քաշեց վերմակը, մեջքի տակ դրեց բարձերն ու ձեռքը պարզեց սրբագրությունների կույտին։— Ինչ էլ որ լինի, ստիպված ընդունելու եմ,— մրմնջաց նա ու ծուռ-ծուռ նայեց դիմանկարին։

— Բայց և այնպես, փոքրիկ տիրուհի, ավելի լավ է՝ չլինի,— հառաչեց նա հրաժեշտի փոխարեն։

Գլուխ XXIV

Կարծես դիտավորյալ, բացառությամբ մի քանի պատահական հյուրերի, որոնք ժամանում էին նախաճաշի ու ճաշի ժամանակ, Մեծ տանը օտար մարդիկ չկային։ Բայց իզուր էր առաջին երկու օրերը Դիկը ջանում այնպես կարգավորել իր աշխատանքը, որպեսզի ազատ լինի այն դեպքում, եթե Պաոլան առաջարկի գնալ լողալոլ կամ զբոսանքի։

Նա նկատեց, որ Պաոլան այժմ ամեն կերպ խուսափում է համբույրից։ Պաոլան սովորական «բարի գիշեր» է հղում ընդարձակ բակի մյուս կողմում գտնվող իր պատշգամբ-ննջարանից։ Առաջին օրն առավոտյան Դիկը նախապատրաստվեց նրա՝ ժամը տասնմեկի այցելոլթյանը։ Միստր Էգերին ու միստր Փիթսին, որոնք եկել էին առաջիկա տոնավաճառին վերաբերող շատ կարևոր ու դեռևս չպարզաբանված հարցերով, նա ճանապարհ դրեց ճիշտ տասնմեկին։ Պաոլան արդեն ոտքի վրա էր. Դիկը լսում էր նրա երգը։ Եվ ահա, գրասեղանի առաջ նստած, Դիկն սպասում էր և ոչինչ չէր անում, թեև դիմացը գտնվում էր նամակներով լի սկուտեղը, նամակներ, որոնք նա պետք է ստորագրեր։ Նա հիշեց, որ առավոտյան այցելությունները ներմուծել էր կինը և համառորեն պահպանում էր այդ սովորությունը։ Որքա՜ն հմայիչ էր հիմա թվում Դիկին նրա ողջույնը. «Բարի լույս, ուրախ Դիկ», և կիմոնոյի մեջ պարփակված նրա մարմինը, երբ նստում էր ամուսնու ծնկին։ Նա հիշեց, որ հաճախ էր կրճատում առանց այն էլ կարճ այցելությունը, նույնիսկ շոյելիս կնոջն հիշեցնելով, որ շատ զբաղված է։ Այն ժամանակ կնոջ դեմքով սահում էր թախծոտ մի ստվեր, ու նա դուրս էր սահում սենյակից։

Արդեն տասնմեկն անց քառորդ էր, իսկ Պաոլան չէր գալիս։

Նա վերցրեց հեռախոսի լսափողն ու միացնելով կաթի ֆերմա, լսեց կանացի ձայների բվվոցը, որի մեջ տարբերեց Պաոլայի ձայնը.

— ... Թողեք ձեր այդ միստր Ուեյդին, վերցրեք երեխաներին ու եկեք թեկուզ մի քանի օրով...

Պաոլայի կողմից այդպիսի հրավերը նրան չափազանց տարօրինակ թվաց։ Կինը միշտ էլ շատ էր ուրախանում հյուրեր չունենալու դեպքում և այն հնարավորությամբ, որ թեկուզ մեկ կամ երկու օր իրենք կմնան երկուսով։ Իսկ այժմ նա միսիս Ուեյդին համոզում է Սաքրամենթոյից գալ այստեղ։ Կարելի է ենթադրել, որ Պաոլան չի կամենում մենակ մնալ ամուսնու հետ և այդ իսկ պատճառով էլ իրեն շրջապատում է հյուրերով։

Դիկը ժպտաց այն մտքից, որ հատկապես հիմա, երբ նա այլևս չի շնորհում առավոտյան իր համբույրը, այդ համբույրը դարձել է չափազանց ցանկալի։ Դիկի մտքով անցավ, որ լավ կլինի, եթե կնոջը տանի որևէ հետաքրքիր մի ճանապարհորդության։ Թերևս դա կօգներ վճռելու դժվարին հարցը. միշտ միասին կլինեն, որը և շուտ կմտերմացնի նրանց։ Իսկ ինչո՞ւ որսի չմեկնել դեպի Ալյասկա։ Պաոլան վաղուց է կամենում մեկնել այնտեղ։ Կամ հարավային ծովեր, ինչպես այն օրերին, երբ իրենք նավարկում էին սեփական զբոսանավով։ Շոգենավերը երթևեկում էին Սան-Ֆրանցիսկոյի ու Թաիթիի միջև։ Տասներկու օր անց նրանք կիջնեին Պապեեթում։ Հետաքրքիր է, Լավինիան դեռ պահո՞ւմ է իր գիշերօթիկը։ Եվ մի պահ նա իրեն ու Պաոլային պատկերացրեց այդ գիշերօթիկի պատշգամբում, մանգոյի ձառերի շվաքի տակ նստած՝ նախաճաշելիս։

Դիկը բռունցքով հարվածեց սեղանին։ Ո՛չ, գրողը տանի, ինքը վախկոտի նման, կնոջն առած չի փախչի ուրիշ տղամարդուց։ Բացի այդ, մի՞թե ազնիվ բան է կնոջը տանել, հեռացնել այն տղամարդուց, որին գուցե ձգտում է կինը։ Ճիշտ է, ինքը դեռ չգիտե՝ իսկապե՞ս Պաոլան ձգտում է Գրեհեմին, և որքա՞ն են հեռու գնացել նրանք իրենց ձգտումներով։ Թերևս դա գարնանային գինովություն է, որը կանհետանա գարնան հետ միաժամանակ։ Ճիշտ է, ամուսնության տասներկու տարիների ընթացքում նա կնոջ մոտ չէր նկատել գարնանային գինովության տրամադրություններ։ Պաոլան երբեք առիթ չէր տվել, որ իր նկատմամբ կասկածներ ծնվեն։ Պաոլան տղամարդկանց շատ էր դուր գալիս, հանդիպում էր շատերի հետ, ընդունում էր նրանց երկրպագությունն ու նույնիսկ սիրաշահումները, բայց միշտ էլ մնում էր անվրդով ու ինքն իրեն հավատարիմ. մնում էր Դիկ Ֆորրեսթի կինը...

— Բարի լույս, ուրախ Դիկ։

Կինը նայում էր հոլլի դռան հետևից, աչքերով ու շուրթերով անկաշկանդ և ուրախ ժպտալով. նա մատների ծայրով օդային համբույր ուղարկեց Դիկին։

Դիկը պատասխանեց նույնպիսի անկաշկանդվածությամբ։

— Բարի լույս, իմ հպարտ լուսին։

Ահավասիկ, հիմա ներս կմտնի, մտածեց Դիկը, և ինքը կսեղմի նրան իր գրկում ու փորձության կենթարկի համբույրնեբով։

Նա առաջ պարզեց ձեռքերը, բայց կինը ներս չեկավ։ Դրա փոխարեն Պաոլան կրծքին սեղմեց կիմտնոն, հավաքեց փեշը, ասես պատրաստվում էր փախչել, և տագնապած նայեց հոլլի խորքը։ Սակայն Դիկի լսողությունը ոչ մի ձայն չորսաց։ Պաոլան դարձյալ ժպտաց նրան, մի համբույր ևս ուղարկեց ու անհետացավ։ Երբ տասը րոպե անց ներս մտավ Բոնբրայթը՝ հեռագրերը ձեռքին, Դիկը չէր լսում, թե ինչ է ասում քարտուղարը. նա դեռևս նստած էր անշարժ իր գրասեղանի առջև, ինչպես տասը րոպե առաջ։

Բայց Պաոլան, ըստ երևույթին, իրեն երջանիկ էր զգում։ Եվ Դիկը, չափազանց լավ ճանաչելով կնոջը և հոգեվիճակը զսպելու նրա միջոցները, չէր կարող չհասկանալ, թե ինչու է Պաոլայի երգը թնդում տնով մեկ, կամարաշարի տակ ու բակում։ Մինչև նախաճաշ Դիկը դուրս չեկավ իր աշխատասենյակից, իսկ Պաոլան էլ չայցելեց նրան, ինչպես միշտ այցելում էր ճաշասենյակ գնալիս։

Երբ հնչեց գոնգը, Դիկը բակից լսեց Պաոլայի ձայնը. նա ինչ֊որ բան էր երգում. ձայնը հեռանում էր ճաշասենյակե ուղղությամբ։

Նախաճաշին մասնակցում էր պատահական մի հյուր՝ Ազգային գվարդիայի գնդապետ, գործարքներից հեռացած կոմերսանտ, բանվորական խժդժություններին և արդյունաբերության ու գյուղատնտեսության մեջ ուժերի հարաբերակցությանը խելքը տված ոմն Հարրիսոն Սթոդարդը։ Սակայն Պաոլան ընտրեց մի րոպե ու Դիկին հայտնեց, որ պատրաստվում է երեկոյան մեկնել Ուիքենբերգ՝ Մեզոններին այցելության։

— Ես, իհարկե, չեմ կարող ասել, թե երբ կվերադառնամ։ Դու ախր գիտես Մեզոններին։ Չեմ համարձակվում քեզ էլ առաջարկել, թեև շատ կուզենայի, որ միասին մեկնենք։

Դիկն օրորեց գլուխը։

— Ուրեմն,— շարունակեց Պաոլան,— եթե Սոնդերսը քեզ պետք չէ...

Դիկը գլխով արեց։

— Այսօր ես կվերցնեմ Քալլաքանին— ասաց նա, անմիջապես կազմելով օրվա ծրագիրը անկախ Պաոլայից, քանի որ կինը մեկնելու էր։— Չեմ հասկանում, Պոլի, ինչո՞ւ ես նախընտրում Սոնդերսին։ Քալլաքանը ավելի հմուտ է և, իհարկե, ավելի հուսալի։

— Թերևս հենց այդ պատճառով,— ասաց Պաոլան ժպտալով։— Որան դանդաղ ես գնում, այնքան անվտանգ է։

— Բայց և այնպես, մրցության ժամանակ ես կպահեի Քալլաքանին՝ Սոնդերսի դեմ,— հայտարարեց Դիկը։

— Իսկ դու ո՞ւր ես գնալու,— հարցրեց կինը։

— Ես ուզում եմ գնդապետ Սթոդարդին ցույց տալ մի աշխատողով ու առանց ձիերի իմ օրինակելի ֆերման և տասը ակր հողամասը ավտոմատ կերպով վարելու ֆոկուսը։ Ահագին կատարելագործված է, և ես արդեն ամբողջ շաբաթ պատրաստվում եմ դարձյալ փորձարկելու այդ գյուտը, բայց ժամանակ չկա ու չկա։ Իսկ հետո ուզում եմ Սթոդարդին տանել գաղութ։ Ի՞նչ ես կարծում։ Վերջին օրերին հինգ հոգի էլ է ավելացել այնտեղ։

— Ես կարծում էի, որ կազմն արդեն լրացել է,— ասաց Պաոլան։

— Ճիշտ է,— պատասխանեց Դիկը դեմքի փայլող արտահայտությամբ։— Դրանք նորածիններն են։ Ամենաանհուսալի ընտանիքում երկվորյակ է ծնվել։

— Բազմաթիվ թերահավատներ գլուխներն են օրորում ձեր փորձի առթիվ, իսկ ես, խոստովանում եմ, դեռևս ձեռնպահ եմ դատողություններ անելու համար։ Դուք այդ ամենը պետք է ապացուցեք ձեր հաշվեմատյաններով,— ասաց գնդապետ Սթոդարդը՝ տանտիրոջ առաջարկությունից խիստ գոհ մնալով։

Բայց Դիկը հազիվ էր լսում նրան՝ տարված լինելով հեղեղող մտքերի հոսքով։ Պաոլան ոչինչ չասաց, թե արդյո՞ք գալու է միսիս Ուեյդը երեխաների հետ, չասաց նույնիսկ, որ հրավիրել է նրան։ Բայց հանգստացրեց իրեն այն բանով, որ թե՛ Պաոլան, թե՛ ինքր հաճախ են ընդունել հյուրերի, որոնց մասին տանտերերն իմացել են նրանց տեսնելուց հետո միայն։

Ի դեպ, պարզ էր, որ այսօր միսիս Ուեյդը չի ժամանի, այլապես Պաոլան երեսուն մղոն տարածութչուն չէր կտրի։ Այո, Պաոլան կամենում էր փախչել, այս հանգամանքը կոծվել չի լինի, փախչել, և հատկապես՝ Դիկից։ Պաոլան վախենում էր միայնակ նրա հետ մնալուց, վախենում էր այն վտանգից, որը անխուսափելիորեն կծնի մտերմությունը. և այն հանգամանքը, որ դա Պաոլային թվում է վտանգավոր, հաստատում էր Դիկի ամենամռայլ ենթադրությունները։ Բացի այդ, Պաոլան մտածել էր նաև երեկոյի մասին։ Ճաշին վերադառնալ նա չի հասցնի, ճաշից անմիջապես հետո՝ նույնպես, եթե միայն իր հետ չբերի ուիքենբերգյան ամբողջ խումբը։ Պաոլան կվերադառնա այն հաշվով, որ ամուսնուն արդեն անկողնում գտնի։ «Ի՞նչ արած, թող այդպես լինի»,— մռայլորեն վճռեց նա յուրովի, միևնույն ժամանակ գնդապետ Սթոդարդին ասելով.

— Այդ փորձը թղթի վրա սքանչելի արդյունքներ է խոստանում, ընդ որում, ահագին զեղչ է արված մարդկային թուլությունների համար։ Հենց այստեղ էլ, մարդկային թուլությունների մեջ էլ թաքնված են հնարավոր վտանգները, հենց դրանք էլ կասկածներ են ծնում։ Միակ ճշմարիտ ճանապարհը գործնականում փորձելն է, համարձակորեն փորձելը այն, ինչ ես անում եմ։

—- Իսկ Դիկը առաջին անգամը չէ, որ համարձակ քայլի է դիմում,— նկատեց Պաոլան։

— Բայց ախր բախտախաղի է դրված հինգ հազար ակր հողամաս. երկու հարյուր հիսուն ֆերմաներին հատկացվող ամբողջ դրամագլուխն ու յուրաքանչյուրին՝ տարեկան հազար դոլլար աշխատավարձը,— առարկեց գնդապետ Սթոդարդը։— Այդ կարգի մի քանի անհաջողություններ, և դրանք կծծեն Հարվեսթի հանքերի բոլոր հյութերը։

— Ընդհանրապես վատ չի լինի, եթե այդ հանքերը չորացնենք,— կատակով պատասխանեց Դիկը։

Գնդապետ Սթողարդը ապշահար նրան նայեց։

— Այո՛, այո՛,— շարունակեց Դիկը։— Անհրաժեշտ է անջրդիացնել։ Հանքերը հեղեղված են Մեքսիկայում տիրող քաղաքական իրավիճակի հետևանքով։

Գրեհեմի մեկնելու երկրորդ օրվա առավոտյան, այսինքն՝ նրա հավանական վերադարձի օրը, Դիկը ժամը տասնմեկին դուրս եկավ ձիով զբոսանքի, որպեսզի խուսափի շեմքի վրայից նետած Պաոլայի ողջույնից. «Բարի լույս, ուրախ Դիկ»։

Վերադառնալով՝ նա հոլլում հանդիպեց Ա֊Հային, որի գրկում հենց նոր կտրած յասամանների մի խուրձ կար։

— Ո՞ւր ես տանում,— հարցրեց Դիկը։

— Միստր Գրեհեմի սենյակը, նա հիմա գալու է։

«Հետաքրքիր է, թե ով է մտածել,— մտորեց Դիկը։— Ա-Հա՞ն, Օ֊Ե՞րգը թե՞ Պաոլան»։ Նա հիշեց, որ Գրեհեմը մի քանի անգամ ասել էր, թե ինքը հավանում է հատկապես այստեղի յասամանը։

Դիկը գնաց ոչ թե գրադարան, ինչպես մտադրվել էր, այլ դուրս եկավ բակ և ուղղվեց դեպի աշտարակի շուրջն աճած յասամանի թփուտները։ Գրեհեմի սենյակի բաց պատուհանից լսեց Պաոլայի ձայնը, նա ուրախ երգում էր։ Դիկը ցավեցնելու չափ կրծոտեց շրթունքներն ու շարունակեց քայլել։

Որքան հիանալի կանայք ու տղամարդիկ են ապրել այդ սենյակում։ Բայց հյուրերից ոչ մեկի համար Պաոլան սենյակը ծաղիկներով չի զարդարել, մտածում էր Դիկը։ Դրանով, ընդհանրապես, զբաղվում էր Օ֊Երգը, ծաղկեփնջեր սարքելու այդ սքանչելի վարպետը, նա անձամբ էր բերում ու տեղավորում ծաղիկները և կամ այդ գործը հանձնարարում էր իր վարժեցրած չինացի մյուս ծառաներին։

Բոնբրայթի բերած հեռագրերի մեջ մի հեռագիր էլ Գրեհեմից կար։ Դիկն այն կարդաց երկու անգամ, թեև Գրեհեմը պարզապես հայտնում էր, որ իր վերադարձը հետաձգվում է։

Սովորության հակառակ, Դիկը չսպասեց նախաճաշի կանչող երկրորդ զանգին, այլ հենց առաջինը լսելուն պես գնաց ճաշասենյակ. նա սաստիկ ցանկություն էր զգում խմելու այն քոկթեյլներից մեկը, որն այնքան վարպետորեն պատրաստում էր Օ֊Երգը. նա իրեն սրտապնդելու անհրաժեշտություն էր զգում, յասամանի պատմությունից հետո նախքան Պաոլային հանդիպելը։ Բայց Պաոլան կանխել էր նրան. Դիկը մտավ այն րոպեին, երբ կինը, որը շատ հազվադեպ էր խմում և երբեք միայնակ չէր խմում, սկուտեղի վրա էր դնում դատարկ բաժակը։

«Ուրեմն, նրա վիճակն էլ թեթև չէ»,— մտածեց Դիկն ու ցուցամատը բարձրացնելով, նշան արեց Օ֊Երգին։

— Ահա և բռնեցի հանցանքի վայրում,— ուրախ հանդիմանեց նա Պաոլային։— Գաղտնի՞ ես հարբեցողությամբ զբաղվում։ Վատ նշան է։ Քեզ հետ ամուսնանալուս օրը չէի կարծում, թե կապվում եմ անհուսալի հարբեցողի հետ։

Պաոլան, չհասցրեց պատասխանել, որովհետև արագաքայլ սենյակ մտավ մի երիտասարդ, որին տանտերն անվանեց Ուինթերս։ Դիկն Ուինթերսին քոկթեյլ առաջարկեց։ Ոչ, դա միայն թվաց նրան, որ Պաոլան հյուրի ներկայությամբ թեթևություն զգաց։ Նա երբեք հյուրին այնպես ջերմությամբ չէր ողջունել, թեև Ուինթերսը հաճախ էր լինում այդ տանը, համենայն դեպս, նրանք ճաշի կնստեն երեքով։

Ուինթերսն ավարտել էր գյուղատնտեսական քոլեջն ու աշխատակցում էր «Խաղաղօվկիանոսյան գյուղական մամուլին», որտեղ հոդվածներ էր գրում իր մասնագիտության վերաբերյալ։ Նա ժամանել էր, որպեսզի նյութեր հավաքի Կալիֆորնիայի ձկնաբուծական լճերի մասին ակնարկների համար, և մի փոքր նրան հովանավորող Դիկն էլ արդեն օրվա ծրագիր էր կազմում հյուրի համար։

— Իվենից հեռագիր ստացա,— ասաց Դիկը Պաոլային։— Վերադառնալու է վաղը չէ մյուս օրը, ժամը չորսի գնացքով։

— Եվ դա իմ չարչարանքից հետո,— բացականչեց կինը։— Յասամանները կթոշնեն։

Դիկն զգաց, թե ինչպես իրեն պարուրեց ուրախության ջերմ ալիքը։ Այդ պատասխանով նա ճանաչեց ուղղամիտ, ազնիվ Պաոլային։ Ինչպիսին էլ լիներ խաղը և ինչպես էլ այն ավարտվեր, Դիկը վստահ էր, որ Պաոլան բաց է խաղալու, առանց խարդախության։ Պաոլան միշտ այդպիսին էր. չափազանց թափանցիկ էր ու ազնիվ, խաբեության չդիմելոը համար։

Բայց և այնպես, Դիկը լավ խաղաց իր դերը ու նրա վրա նետեց բավականին անտարբեր, հարցական մի հայացք։

— Խոսքս Գրեհեմի սենյակի մասին է,— բացատրեց Պաոլան։— Ես կարգադրել էի յասամանի մի մեծ փունջ բերել ու ինքս էլ զարդարեցի սենյակը։ Ախր նա յասաման շատ է սիրում։

Մինչև նախաճաշի վերջը Պաոլան ոչ մի խոսք չասաց միսիս Ուեյդի մասին, և Դիկն արդեն վճռեց, որ նա այսօր, երևի, չի ժամանի, սակայն Պաոլան, ասես ակամա, հարցրեց.

— Դու որևէ մեկին սպասո՞ւմ ես։

Նա բացասաբար շարժեց գլուխն ու ի պատասխան հարցրեց.

— Իսկ այսօրվա համար դու որևէ ծրագիր ունե՞ս։

— Առայժմ՝ ոչ... Իսկ քո վրա էլ հույս դնել չեմ կարող։ Դու երևի միստր Ուինթերսին ցուցադրելու ես ձկների մասին քո բոլոր գիտելիքները։

— Ոչ,— առարկեց Դիկը,— ես նրան կուղարկեմ միստր Հենլիի մոտ, նա հաշվել է լճի ամեն մի ձուկն ու յուրաքանչյուր ձկնկիթը, և ամեն մի պերկեսի անունով է կանչում։ Լսիր...— նա մտահոգված լռեց և, ասես հանկարծակի ծնված մի մտքից, նրա դեմքը փայլեց.— Այսօր այնպիսի եղանակ է, որ մարդուն անգործության է մղում։ Եկ հրացաններ վերցնենք ու գնանք սկյուռներ խփելու։ Օրերս նկատեցի, որ Լիթլ Մեգոու բլուրների տակ նրանք շատ են բազմացել։

Նա կնոջ աչքերի մեջ հասցրեց նկատել վախի ստվերը. բայց այդ ստվերը շատ արագ անհետացավ։ Պաոլան ծափ տվեց ու միանգամայն բնական տոնով ասաց.

— Միայն թե ինձ համար հրացան մի՛ վերցրու...

— Եթե չես ուզում գալ...— զգուշորեն սկսեց Դիկը։

— Օ՜հ, ո՛չ, ուզո՜ւմ եմ գալ, բայց չկրակել։ Ես հետս կվերցնեմ Լե Հալլիենի նոր գիրքը. այսօր ստացանք, և բարձրաձայն կկարդամ քեզ համար։ Հիշո՞ւմ ես, երբ մենք վերջին անգամ գնացինք սկյուռներ որսալու, քեզ համար կարդում էի «Ոսկեհեր կույսը»։

Գլուխ XXV

Պաոլան Եղնիկին հեծած, իսկ Դիկը՝ Քմահաճին, դուրս եկան Մեծ տան դարբասից. ձիերը իրար այնքան մոտ էին քայլում, որքան դա թույլ էր տալիս Քմահաճի չարաճճիությունը։ Նենգ զամբիկը հնարավորություն էր տալիս զրուցելու միայն ընդհատումներով։ Փոքրիկ ականջները գլխին սեղմած ու ատամները բաց՝ նա ամեն րոպե ըմբոստության փորձ էր անում, չէր ուզում հնազանդվել և անդադար ջանում էր խածնել Պաոլայի ոտքը կամ էլ Եղնիկի ատլասե գավակը։ Բայց քանի որ դա նրան չէր հաջողվում, ուստի աչքերն անմիջապես լցվում էին արյունով, և նա մերթ թափահարում էր բաշը ու աշխատում էր ծառս լինել (որին խանգարում էր մարթինգալը), մերթ սկսում էր պտտվել, կողքի էր գնում ու պարում էր տեղում։

— Վերջին տարին է, որ կպահեմ դրան,— ասաց Դիկը։— Չի վարժվում։ Երկու տարի շարունակ գլուխ եմ դրել առանց արդյունքի։ Նա ճանաչում է ինձ, դիտե իմ սովորությունները, գիտե, որ պետք է ենթարկվի, բայց և այնպես ըմբոստանում է։ Նա համառորեն հույս է տածում, որ կորսա այն րոպեն, երբ ես անուշադիր կլինեմ, և այն վախից, թե կփախցնի այդ րոպեն, զամբիկը միշտ աչալուրջ է։

— Տես, որ իսկապես, նա հանկարծակիի չբերի քեզ,— ասաց Պաոլան։

— Հենց դրա համար էլ որոշել եմ բաժանվել նրանից։ Չէի ասի, թե հոգնեցրել է ինձ, բայց հավանականության տեսության համաձայն, վաղ թև ուշ, նա այնուամենայնիվ թամբից կնետի ինձ։ Թեկուզև հավանականությունը միլիոնից մեկն է, բայց աստված գիտե, թե երբ ու ինչպիսի պայմաններում վրա կհասնի ճակատագրական պահը...

— Դու զարմանալի մարդ ես, Ալ Ամպ,— ժպտաց Պաոլան։

— Ինչո՞ւ։

— Դու մտածում ես վիճակագրական տվյալներով ու տոկոսներով, միջին ու մոտավոր թվերով։ Երբ առաջին անգամ հանդիպեցինք, հետաքրքիր է, ինչպիսի՞ բանաձևի տակ դրեցիր ինձ։

— Այդ մասին, գրողը տանի, այն ժամանակ չէի մտածում,— ծիծաղելով պատասխանեց նա։— Դու վիճակագրական և ոչ մի ենթաբաժնի չէիր հարմարվում։ Այս դեպքում բոլոր թվերը կնահանջեին։ Ես ինձ պարզապես ասացի, որ հանդիպել եմ իգական սեռի զարմանահրաշ երկոտանի մի արարածի ու այնպես եմ կամենում տիրել նրան, ինչպես երբեք կյանքում չեմ կամեցել...

— Եվ տիրեցիր,— նրա փոխարեն խոսքն ավարտեց Պաոլան։— Բայց դրանից հետո, Ալ Ամպ, դրանից հետո դու երևի հաճախ ես իմ կապակցությամբ վիճակագրական տվյալներ օգտագործել։

— Ինչ-որ առումով՝ այո...— խոստովանեց նա։— Բայց հույս ունեմ, որ երբեք չեմ հասնի վերջին...

Նա կես խոսքի վրա կանգ առավ, լսելով Լեռնցու յուրահատուկ խրխինջը։ Երևաց նժույգը, որին հեծել էր քավբոյը, և Դիկը մի պահ հիացավ սքանչելի կենդանու ազատ ու լայն, անթերի վարգով։

— Կծիկը դնենք,— ասաց նա, քանի որ Լեռնցին, նրանց տեսնելով, անցավ քառատրոփ վազքի։

Նրանք միաժամանակ խթանեցին զամբիկներին և սլացան հեռու, իրենց հետևից լսելով քավբոյի հանգստացնող բացականչությունը, ճանապարհին հնչող ծանր սմբակների ձայնը և ուրախ, տիրական խրխինջը։ Քմահաճը անմիջապես արձագանքեց այդ խրխինջին, նրա օրինակին հետևեց Եղնիկը։ Նժույգների շփոթմունքը հուշում էր, որ Լեռնցին սկսում է տաքանալ։

Նրանք թեքվեցին կողքի արահետն ու սլանալով մոտ հինգ հարյուր մետր, սպասողական վիճակում կանգ առան, մինչև որ վտանգն անցնի։

— Նրանից դեռ ոչ ոք լրջորեն, չի տուժել,— ասաց Պաոլան, երբ վերադարձան ճանապարհի վրա։

— Բացի այն դեպքից, երբ տրորեց Կաուլիի ոտքը։ Հիշո՞ւմ ես, Կաոլլին մոտ մեկ ամիս պառկեց անկողնում,— Պատասխանեց Դիկը, զսպելով դարձյալ չարաճճիություն անող Քմահաճին։ Նա լելով Պաոլային, նա տեսավ, որ կինը իրեն է հառել մի տարօրինակ հայացք։

Այդ հայացքում նա կարդաց և՛ հարց, և՛ սեր, և՛ վախ, այո, վախ կամ վախին համազոր մի տագնապ, իսկ ամենագլխավորը՝ ինչ֊որ բան որոնող հարցը։ «Ըստ երևույթին, նա ի միջի այլոց չասաց, որ ես վիճակագրական տվյալներով եմ մտածում»,— անցավ Դիկի մտքով։

Բայց ձևացրեց, թե ոչինչ չի նկատել, հանեց բլոկնոտն ու հետաքրքրությամբ նայելով ջրմուղին, որի կողքով գնում էին, ինչ֊որ բան գրեց։

— Հավանաբար մոռացել են,— ասաց նա։— Դեռ մեկ ամիս աոաջ պետք է վերանորոգեին։

— Իսկ ի՞նչ ճակատագիր ունեցան նևադական այդ մուսթանգները,— հարցրեց Պաոլան։

Խոսքն այն մուսթանգների մասին էր, որ գնել էր Դիկը գռոշներով, երբ նևադայի արոտավայրերում խոտը պակասել էր ու ձիերին սպառնում էր սովահարությունը։ Նա երամակն ուղարկել էր արևմուտք, որտեղ, լեռնային արոտավայրերում, շատ լավ կեր կար։

— Նրանց թամբելու ժամանակն է,— պատասխանեց նա։— Ես մտածում եմ հաջորդ շաբաթ քավբոյների մրցություն կազմակերպել, ինչպես անում էին առաջներում։ Ի՞նչ ես կարծում։ Տապակած խոզ ու անհրաժեշտ ամեն բան կպատրաստենք և կկանչենք շրջակայքի բոլոր բնակիչներին։

— Իսկ հետո ինքդ էլ չես գա,— առարկեց Պաոլան։

— Գործերս մեկ օրով կհետաձգեմ։ Լա՞վ։

Պաոլան գլխով արեց, և նրանք անցան ճանապարհի եզրը, որպեսզի տեղ տան բազմախոփ արորներով երեք տրակտորներին։

— Ուղարկում ենք Ռոլլինգ Մեդոուս,— բացատրեց Դիկը,— համապատասխան հողամասերում դրանք ավելի ձեռնտու են, քան մեր ձիերը։

Պաոլան ու Դիկը դուրս եկան այն հովտից, որտեղ գտնվում էր Մեծ տունը, կտրեցին անցան ցանքերն ու շարունակեցին գնալ այն ճանապարհով, որով բազմաթիվ սայլեր սալահատակի համար սալեր էին կրում. հեռվից լսվում էր քար ջարդող մեքենայի թնդյունն ու ճռինչը։

— Սրան պետք է շատ հոգնեցնել,— նկատեց Դիկը, քաշելով իր ձիու գլուխը, որի մերկացրած ատամները սպառնալի մոտ էին Եղնիկի գավակին։

— Ես ուղղակի ամոթալի կերպով վարվեցի Դադդիի ու Ֆագգիի հետ,— ասաց Պաոլան։— Շատ վատ էի կերակրում, և նրանք առաջվա պես անհանգիստ են։

Դիկը նշանակություն չտվեց այդ խոսքերին, բայց ընդամենը քառասունութ ժամ հետո ստիպված եղավ ցավով հիշել գրանք։

Շուտով քար շարդող մեքենայի ճռինչը լռեց։ Նրանք շարունակեցին բարձրանալ, դուրս եկան անտառաշերտ, անցան ոչ շատ բարձր լեռնանցքը։ Վհրջալույսի տակ այստեղ աճած մանսանիթները թվում էին ծիրանագույն, իսկ մադրոնիոն՝ վարդագույն։ Նորատունկ էվկալիպտների միջով հեծյալներն իջան Լիթլ Մեգոու տանող ճանապարհը, բայց տեղ չհասած, ցած իջան թամբերից ու կապեցին ձիերին։ Դիկը պատյանից հանեց ավտոմատ հրացանը, նրանք զգույշ մոտեցան մարգագետնի եզրի սեքվոյաների պուրակին և նստեցին ծառերի ստվերի տակ, հայացքներն հառած բլրի թեք լանջին, որը ձգվում էր նրանցից մոտ հիսուն ֆուտ հեռավորության վրա, մարգագետնից այն կողմ։

— Նայիր... երեք... չորս...— շշնջաց Պաոլան, նրա հեռատես աչքերը կանաչների մեջ մի քանի սկյուռ նկատեցին։

Դրանք կյանքի փորձ ձեռք բերած, իմաստնացած ծերուկներ էին, որոնք վարժվել էին հատուկ զգուշավորության, հրաշալի կարողանում էին ճանաչել թունավոր հատիկները և խուսափել այն թակարդներից, որոնք Դիկը դրել էր վնասատուներին որսալու համար։ Նրանք ավելի էին դիմացել, քան իրենց՝ նվազ զգուշավորություն ունեցող ցեղակիցները, և կարող էին այս լեռնալանջերը բնակեցնել նոր սերունդներով։

Դիկը հրացանը լիցքավորեց ամենափոքրիկ փամփուշտներով, զննեց խլացուցիչը, պառկեց, ձգվեց հասակով մեկ, հենվեց արմունկներին ու նշան բռնեց։ Կրակոցի աղմուկը չլսվեց, միայն չխկաց մեխանիզմը, երբ գնդակը դուրս թռավ, հետո ընկավ պարկուճը, փակաղակի մեջ սահեց մի նոր փամփուշտ, և ավտոմատ կերպով լարվեց ձգանը։ Մուգ կարմրավուն մեծ սկյուռը ցատկեց տեղից, պտտվեց օղում ու անհետացավ ցանքսերի մեջ։ Դիկը սպասում էր, նրա հայացքը սահեց փողի երկայնքով դեպի այն մի քանի որջերը, որոնց շուրջր գտնվող մերկ հողը հուշում էր այն մասին, որ հացահատիկը կերել են։ Վիրավոր սկյուռը նորից հայտնվեց. նա սողում էր մերկ հողի վրա՝ ջանալով թաքնվել որջում։ Հրացանը նորից չխկաց, սկյուռը շրջվեց կողքի ու մնաց անշարժ։

Հենց առաջին չխկոցի վրա բոլոր սկյուռները, բացի վիրավորից, թաքնվեցին իրենց բներում։ Մնում էր միայն սպասել, մինչև որ նրանց հետաքրքրասիրությունը կգերազանցի վախին։ Հենց այս դադարի վրա էլ հույս էր գրել Դիկը։ Գետնին պառկած ու հետևելով, թե արդյո՞ք լանջին չեն հայտնվի հետաքրքրասեր մռութները, նա ինքն իրեն հարցնում էր՝ որևէ բան կասի՞ արդյոք Պաոլան, թե ոչ։ Զգացվում է, որ նա տագնապած է, բայց կկամենա՞ արդյոք հաղորդակից դարձնել ամուսնուն։ Առաջ նա ամեն բան պատմում էր Դիկին։ Վաղ թե ուշ, նա անպայման ամուսնուն հայտնում էր այն ամենը, ինչ տանջում էր նրան։ Ճիշտ է, շարունակում էր մտածել Դիկը, Պաոլան դեռ երբեք այսպիսի տագնապ չի ապրել։ Եվ այն, ինչ հիմա անհանգստացնում է կնոջը, ամենից քիչ կկարողանար կիսել ամուսնու հետ։ Մյուս կողմից, Պաոլան ունի բնածին և անդավաճան ողջամտություն։ Համատեղ կյանքի բոլոր տարիների ընթացքում Դիկը հիանում էր նրա բնավորության այդ գծով։ Մի՞թե Պաոլան այս անգամ կդավաճանի իր ողջամտությանը։

Խոտերին պառկած՝ այսպես էր մտածում նա։ Պաոլան լուռ էր։ Չէր շարժվում, Դիկը նույնիսկ շրշյուն չէր լսում։ Երբ նա նայեց կնոջ կողմը, տեսավ, որ Պաոլան մեջքի վրա պառկած, աչքերը փակ, տարածել է ձեռքերը, ասես մի ծանր հոգնությունից հետո։

Վերջապես, չոր հողի գույն ունեցող փոքրիկ մի գլուխ հայտնվեց բնից։ Երկար րոպեներ անցան, և մոխրագույն գլխի տերը համոզվելով, որ իրեն ոչ մի վտանգ չի սպառնում, նստեց հետևի թաթերին ու շուրջը նայեց՝ որոնելով իրեն վախեցնող չխկոցների պատճառը։ Նորից լսվեց մի չխկոց։

— Խփեցի՞ր,— առանց աչքերը բանալու հարցրեց Պաոլան։

— Այո՛, և ի՜նչ էլ չաղլիկն է,— պատասխանեց Դիկը։— Հենց արմատից կտրեցի մի ամբողջ սերնդի կյանք։

Անցավ մեկ ժամ։ Արևն այրում էր, բայց ստվերում զով էր։ Մերթ ընդ մերթ մեղմ քամին ծուլորեն սահում էր մատղաշ արտի վրայով ու թեթևակի ճոճում էր ծառերի ճյուղերը։ Դիկը խփեց երրորդ սկյուռին։ Պաոլայի գիրքը ընկած էր կողքին, բայց նա չէր կարդում։

— Վա՞տ ես զգում,— վերջապես համարձակվեց հարցնել Դիկը։

— Ոչինչ։ Պարզապես գլխացավ ունեմ, աչքերիս մոտ նևրալգիական ցավ կա, ուրիշ ոչինչ։

— Հավանաբար, շատ հյուսելուց է,— կատակեց Դիկը։

— Ո՛չ։ Այդպիսի մեղք չեմ գործել...— հետևեց պատասխանը։

Այդ ամենը թվում էր միանգամայն բնական, բայց Դիկը հետևելով բնից դուրս եկող մի շատ մեծ սկյուռի և թույլ տալով, որ նա հայտնվի բաց տարածության մեջ, արտում, ինքն իրեն ասում էր. «Ոչ, երևի, այսօր ոչ մի զրույց չի ստացվի։ Եվ մենք առաջվա պես խոտերին պառկած չենք համբուրվի ու չենք փաղաքշի իրար»։

Այդ ընթացքում աչքի տակ առած որսն արդեն արտի եզրին էր։ Նա քաշեց ձգանը։ Գազանիկն ընկավ, բայց մոտ մեկ րոպե պառկած մնալուց հետո ցատկեց, դժվարությամբ ուղղվեց և աճապարանքով վազեց դեպի որջը։ Չըրը՛խկ, չըրը՛խկ, շարունակում էր շխկալ մեխանիզմը՝ փախչող սկյուռի շուրջը փոշու ամպ բարձրացնելով ու ցույց տալով, թե որքան մոտիկ է կրակում Դիկը։ Նա այնքան արագ էր կրակում, որ մատը հազիվ էր հասցնում քաշել ձգանը, և թվում էր, թե փողից թափվում է կապարի անվերջանալի մի շիթ։

Նա ծախսել էր գրեթե բոլոր փամփուշտները, երբ Պաոլան ասաց.

— Աստվա՜ծ իմ, ինչպե՜ս ես կրակում... կարծես մի մեծ բանակ լինի։ Խփեցի՞ր։

— Այո, սկյուռների մեջ գա իսկական նահապետ է, որը խժռում է հորթերի համար նախատեսված կերը։ Բայց ինը հատ անծուխ փամփուշտ ծախսել ընդամենը մեկ, թեկուզև այդպիսի սկյուռի վրա՝ շահավետ չէ։ Մի քիչ ավելի զուսպ պետք է լինել։

Արևը թեքվում էր դեպի մայրամուտ։ Քամին դադարեց։ Դիկը մի սկյուռ էլ խփեց ու ընկճված հետևում էր բլրալանջին, նա ամեն բան արել էր Պաոլային անկեղծ զրույցի մեջ քաշելու համար, այդ նպատակով ընտրել էր և ժամանակ, և անհրաժեշտ միջավայր։ Երևի դրությունը հենց այնպիսին էր, որից նա տագնապում էր։ Թերևս, ավելի վատ, քանզի զգում էր, որ սովորական աշխարհը փլվում է իր շուրջը։ Նա շեղվել էր ճանապարհից, կորցրել էր իրեն, ցնցված էր։ Եթե ուրիշ կին լիներ... Բայց Պաո՜լան է։ Նա այնքա՜ն վստահ էր Պաոլայի նկատմամբ։ Միատեղ կյանքի տասներկու տարիները ամրապնդել էին նրա այդ վստահությունը...

— Ժամը հինգն է, արևն էլ արդեն թեքվում է ցած,— ասաց նա՝ վեր կենալով գետնից ու պատրաստվելով Պաոլային էլ օգնել ոտքի կանգնելու։

— Ես այնքա՜ն գոհ եմ, որ ինձ հաջողվեց հանգստանալ,— ասաց Պաոլան, երբ շարժվեցին դեպի ձիերը։— Աչքերիս վիճակն էլ անհամեմատ լավ է։ Լավ էր, որ ես բարձրաձայն չկարդացի քեզ համար։

— Հետագայում էլ խոզուկ մի՛ եղիր,— թեթև կատակով, ասես իրենց միջև ոչինչ էլ չկար, նկատեց Դիկը։— Չհամարձակվես նույնիսկ աչքի ծայրով նայել Լե Հալլիենին։ Մենք հետո միասին կկարդանք այդ գիրքը։ Տո՛ւր ձեռքդ... Ազնիվ խո՞սք։ Այո՞, Պոլի...

— Ազնիվ խոսք,— հնազանդորեն ասաց նա։

— Հակառակ դեպքում թող քո տատիկի շիրիմի վրա էշերը պարեն։

— Հակառակ դեպքում թող իմ տատիկի շիրիմի վրա էշերը պարեն,— հանդիսավորությամբ կրկնեց Պաոլան։

Գրեհեմի մեկնելու երրորդ օրվա առավոտյան Դիկը հոգաց, որ երբ Պաոլան ժամը տասնմեկին կատարի սովորական այցելությունը և շեմքից նետի իր «Բարի լույս, ուրախ Դիկ» բառերը, ինքն արդեն նստած լինի կաթի ֆերմայի կառավարիչի հետ։ Հետո մի քանի ավտոմեքենաներով ժամանեց Մեզոնների ընտանիքը իր աղմկարար ջահելների հետ, և Պաոլան ամբողջ օրր զբաղվեց նրանցով։ Դիկը նկատեց, որ նա մտածել է նաև երեկոյի մասին՝ հյուրերին պահելով բրիջի ու պարերի համար։

Սակայն չորրորդ օրը, երբ Գրեհեմը պետք է վերադառնար, Դիկը ժամը տասնմեկին միայնակ էր։ Սեղանի վրա թեքված, նամակներն ստորագրելիս, նա լսեց, թե ինչպես Պաոլան ոտքի ծայրերի վրա մտավ սենյակ։ Նա գլուխը չբարձրացրեց, բայց, շարունակելով գրել, հուզված ականջ էր դրել կնոջ կիմոնոյի մետաքսե շրշյունին։ Դիկն զգաց, որ Պաոլան թեքվում է իր վրա, ու շունչը պահեց։ Բայց երբ Պաոլան զգուշորեն համբուրեց նրա մազերը, ասելով իր սովորական «Բարի լույս, ուրախ Դիկ» բառերը, ու նա ագահորեն կամեցավ գրկել կնոջը, Պաոլան խուսափեց նրա ձեռքերից և, ծիծաղելով, դուրս փախավ սենյակից։ Կնոջ դեմքի երջանիկ արտահայտությունը, որ նա նկատեց, Դիկին ապշեցրեց ոչ պակաս, քան հենց նոր ապրած հիասթափությունը։ Պաոլան չէր կարողանում թաքցնել իր զգացմունքները, և այժմ նրա աչքերը փայլում էին բերկրանքով ու ագահությամբ, ինչպես լինում է երեխայի մոտ։ Եվ քանի որ հատկապես այսօր երեկոյան պետք է վերադառնար Գրեհեմը, Դիկը չէր կարող հենց դրանով չբացատրել կնոջ ուրախությունը։

Նախաճաշի ժամանակ, որին մասնակցում էին Դեվիսի գյուղատնտեսական քոլեջի երեք ուսանողներ, Դիկը չստուգեց, թե արդյո՞ք կինը թարմ ծաղիկներ դրել է աշտարակում։ Նա ոտքի վրա հորինեց մի շարք անհետաձգելի գործեր, քանի որ Պաոլան հայտարարեց, թե ուզում է ինքը գնալ կայարան՝ Գրեհեմին դիմավորելու։

— Ինչո՞վ,— հարցրեց Դիկը։

— Դադդիով ու Ֆագգիով,— պատասխանեց Պաոլան։— Նրանք բոլորովին ետ են վարժվել, և նրանց, ինչպես և ինձ համար, անհրաժեշտ է մի փոքր բացվել։ Իհարկե, եթե դու դեմ չես զբոսնելուն, մենք կգնանք, ուր որ կամենաս, իսկ Գրեհեմի հետևից մեքենա կուղարկենք։

Դիկը ջանաց չնկատել այն անհանգիստ սպասողական վիճակը, որի մեջ կինը գտնվում էր, չիմանալով ամուսինը կընդունի՞ արդյոք այդ առաջարկը, թե ոչ։

— Խեղճ Դադդին ու Ֆադդին, երևի, հալից կընկնեն, եթե վազեն այնքան, որքան ինձ անհրաժեշտ է շրջել,— ասաց նա ծիծաղելով, ու անմիջապես հայտնեց նախապես վճռած ծրագիրը։— Մինչև ճաշ ես ստիպված եմ լինելու կտրել մոտ հարյուր մղոն տարածություն։ Եվ կվերցնեմ արագընթաց մեքենան ու, հավանաբար, փոշու և ցեխի մեջ կկորչեմ, քանի որ հարկ կլինի անցնել ճահիճներով։ Բացի այդ, զարհուրելի կերպով թափ կտա։ Ոչ, ես չեմ համարձակվում քեզ ինձ հետ տանել։ Այնպես որ, դու գնա Դադդիով ու Ֆադդիով։

Պաոլան հառաչեց։ Բայց նա վատ դերասանուհի էր. չնայած այդ հառաչանքով նա կամենում էր արտահայտել իր ափսոսանքը, բայց Դիկն զգաց, որ կնոջ հոգին թեթևացավ։

— Իսկ դու հեռո՞ւ ես գնում,— ուրախ հարցրեց Պաոլան և Դիկը դարձյալ չէր կարող չնկատել, որ նրա այտերը շառագունել են ու աչքերը փայլում են երջանկությունից։

— Ես կսլանամ դեպի գետի ստորին հոսանքները, որտեղ չորացման աշխատանքներ ենք կատարում, Քարլսոնը ինձնից կարգադրություններ է սպասում։ Իսկ հետո կմեկնեմ Սաքրամենթո, հետո կանցնեմ Թիլ-Սլոուով, որպեսզի հանդիպեմ Ուինգ-Ֆո-Ուոնգի հետ։

— Այդ ո՞վ է Ուինգ֊Ֆո֊Ուոնգը,— ժպտալով հարցրեց Պաոլան։— Եվ ինչո՞ւ ես հանուն նրա այդքան հեռուները գնալու։

— Մի շատ կարևոր անձնավորություն. նա արժե երկու միլիոն, որը վաստակել է կարտոֆիլով ու ծնեբեկով, դելտայի ստորոտում բանջարաբուծությամբ զբաղվելով։ Ես նրան Թիլ֊Սլոուում վարձով եմ տալիս երեք հարյուր ակր։— Հետո դառնալով գյուղատնտեսականի ուսանողներին՝ Դիկը բացատրեց.— Այդ վայրը գտնվում է Սաքրամենթոյից մի քիչ հեռու, գետի արևմտյան ափին։ Դա ձեզ համար մի լավ օրինակ է, որ շուտով հողը չի բավականացնի։ Երբ նոր էի գնել հողամասը, միայն ճահճուտներ էին, և բոլոր հնաբնակները ծիծաղում էին վրաս։ Ու դեռ ստիպված եղա գնել նաև մոտ մի տասնյակ որսի արգելանոցներ։ Միջին հաշվով հողն ինձ վրա նստեց ակրը տասնութ դոլլար, ընդ որում, ոչ շատ վաղուց։

Դուք գիտեք այն ճահճուտները, որոնք պետք էին գալիս միայն բադեր բազմացնելու և ջրովի մարգագետինների համար։ Կարգի բերելն ինձ վրա նստեց, եթե նկատի ունենանք չորացումն ու ամբարտակները, ավելի քան երեք հարյուր դոլլար՝ յուրաքանչյուր ակրը։ Իսկ ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ գնով եմ տասը տարով հողամասը վարձով տալիս ծերուկ Ուինգ-Ֆո-Ուոնգին։ Ակրը՝ երկու հազարով։ Ավելին չէի շահի, եթե ինքս մշակեի։ Այդ չինացիները բանջարաբուծության ասպարեզում ուղղակի հրաշագործներ են, և որքա՜ն ծարավի են աշխատելու... Նրանց մոտ ոչ թե ութժամյա աշխատանքային օր է, այլ տասնութ։ Բանն այն է, որ նրանց ամենավերջին կուլին ձեռնարկության մեջ ունի թեկուզ չնչին փայաբաժին. ահա թե ինչպես է Ուինգ-Ֆո-Ուոնգին հաջողվում շրջանցել տասնութժամյա աշխատանքային օրվա մասին եղած օրենքը։

Օրվա ընթացքում երկու անգամ Դիկին կանգնեցրին արագությունը գերազանցելու պատճառով, իսկ երրորդ անգամ նույնիսկ գրանցեցին։ Նա մեքենայում մենակ էր, ու թեև վարում էր շատ արագ, բայց պահպանում էր լիակատար հանգստություն։ Սեփական մեղքով դժբախտ պատահարի հնարավորությունը Դիկը բացառում էր, և երբեք դժբախտ պատահարի մեջ չէր ընկել։ Նույնպիսի ինքնավստահությամբ ու ճշգրտությամբ, որ Դիկը սեղմում էր դռան բռնակը կամ վերցնում մատիտը, կատարում էր նաև առավել բարդ գործողություններ, տվյալ դեպքում, օրինակ, վարում էր չափազանց հզոր շարժիչով ավտոմեքենան, ընդ որում մեքենան ընթանում էր մեծ արագությամբ՝ գյուղական բանուկ փողոցներով։

Բայց ինչպես էլ վարեր մեքենան, որքան էլ կենարոնացած բանակցեր Քարլսոնի և Ուինգ-Ֆո-Ուոնգի հետ, նրա գիտակցության մեջ, առանց մարելու, պտտվում էր այն միտքը, որ Պաոլան հակառակ բոլոր սովորությունների, մեկնել է դիմավորելու Գրեհեմին և նրա հետ կլինի Էլդորադոյից մինչև կալվածք հասնող ամբողջ ճանապարհին։

— Ա՜յ թե ինչ...— քրթմնջաց Դիկը, մեքենայի արագությունը ավելացնելով ժամում քառասունհինգից մինչև յոթանասուն մղոն, և, այլևս ոչ մի բանի մասին չմտածելով, ձախ կողմից անցավ միևնույն ուղղությամբ ընթացող միաձի թեթև կառքից ու դարձյավ թեքվեց ճանապարհի աջ կողմը, դիմացից եկող փոքրիկ մեքենայի հենց քթի տակ։ Հետո նվազեցրեց արագությունը մինչև հիսուն մղոնի և վերադարձավ իր ընդհատված մտքերին։

«Ահա՜ թե ինչ։ Պատկերացնում եմ, թե ինչ կմտածեր իմ փոքրիկ Պաոլան, եթե խելքիս փչեր զբոսանքի դուրս գալ որևէ գեղեցիկ աղջկա հետ»։

Նա ակամա ծիծաղեց, պատկերացնելով այդ տեսարանը, քանի որ ամուսնական առաջին տարիներին բազմիցս անգամ առիթ էր ունեցել համոզվելու, որ Պաոլան լուռ խանդում է իրեն։ Տեսարաններ երբեք չէր աարքում, իրեն թույլ չէր տալիս ոչ նկատողություն անելու, ոչ էլ հարցեր տալու, բայց հենց որ Դիկն սկսում էր ուշադրություն դարձնել մեկ այլ կնոջ, Պաոլան ոչ երկդիմի հասկացնել էր տալիս, որ վիրավորվել է։

Ծիծաղելով՝ նա հիշեց միսիս Դեհեմենիին, թխահեր և անուշիկ այրի կնոջը, Պաոլայի ընկերուհուն, որը ինչ-որ ժամանակ հյուրընկալվում էր Մեծ տանը։ Մի անգամ Պաոլան հայտնեց, որ զբոսանքի դուրս չի գա, բայց նախաճաշի ժամանակ լսեց, թե ինչպես Դիկն ու միսիս Դեհեմենին պայմանավորվում են երկուսով մեկնել անտառածածկ Կիրճը, որ գտնվում էր փիլիսոփաների պուրակից այն կողմ։ Եվ ի՜նչ, դեռ չէին հասցրել դուրս գալ կալվածքից, երբ Պաոլան հասավ նրանց ու ամբողջ զբոսանքի ընթացքում ոչ մի րոպե մենակ չթողեց։ Այն ժամանակ Դիկը միայն ժպտում էր յուրովի, քանի որ այդ խանդը, ըստ էության, հաճելի էր. վերջին հաշվով ոչ միսիս Դեհեմենիին և ոչ էլ այդ զբոսանքին նա ոչ մի նշանակություն չէր տվել։

Գիտենալով Պաոլայի այդ գիծը՝ համատեղ կյանքի հենց սկզբից նա ջանում էր կողմնակի կանանց չափից դուրս ուշադրություն չդարձնել և այդ իմաստով առավել շրջահայաց էր, քան Պաոլան։ Ընդհակառակը, նա կնոջը լիակատար ազատություն էր տվել և նույնիսկ խրախուսում էր երկրպագուներին, հպարտանում էր, որ Պաոլան գրավում է ոչ հասարակ մարդկանց, և ուրախանում, որ կինը հաճույք է ստանում նրանց հետ զրուցելիս ու նրանց սիրաշահումներից։ Եվ ճիշտ էր վարվում. ախր Դիկը այնքա՜ն հանգիստ էր, այնքա՜ն էր վստահում նրան. ավելի շատ, քան կինը՝ Դիկին։ Եվ Դիկը չէր կարող դա չխոստովանել։ Ամուսնական տասներկու տարիները այնքան էին ամրապնդել այդ վստահությունը, որ նա նույնքան քիչ էր կասկածում Պաոլայի ամուսնական հավատարմությանը, որքան և երկրի պտույտին՝ իր առանցքի շուրջը։ «Եվ հանկարծ պարզվում է, որ երկրի պտույտի վրա այնքան էլ չի կարելի հույս դնել,— մտածեց նա, հոգու խորքում ծաղրելով ինքն իրեն,— և, գուցե, հանկարծ կպարզվի, որ երկիրր տափակ է, ինչպես պատկերացնում էին նախնիները»։

Նա ցած քաշեց ձեռնոցն ու նայեց ժամացույցին։ Հինգ րոպե անց Գրեհեմը Էլդորադոյում կիջնի գնացքից։ Դիկն այժմ դեպի տուն էր սլանում Սաքրամենթոյի կողմից, և ճանապարհն այրվում էր նրա տակ։ Քառորդ ժամ անց նա հեռվում տեսավ այն գնացքը, որով ժամանելու էր Գրեհեմը։ Էլդորադոն անցնելուց հետո միայն Դիկը հասավ Դադդիին ու Ֆադդիին։ Գրեհեմը նստած էր Պաոլայի կողքին, որը վարում էր կառքը։

Նրանց մոտով անցնելիս՝ Դիկը դանդաղեցրեց ընթացքը, ողջունեց Գրեհեմին, և, դարձյալ լրիվ ընթացքի մեջ դնելով մեքենան, ուրախ ձայն տվեց.

— Ներեցե՜ք, Իվեն, որ ձեզ ստիպում եմ փոշի կուլ տալ։ Ես ուզում եմ, որ մինչև ճաշ բիլիարդով հաղթեմ ձեզ, եթե դուք երբևէ տուն հասնեք։

Գլուխ XXVI

— Այսպես այլևս շարունակվել չի կարող։ Մենք անմիջապես որևէ բան պետք է նախաձեռձենք։

Նրանք երաժշտական սենյակում էին։ Պաոլան նստած էր դաշնամուրի մոտ, դեմքը դեպի իր վրա խոնարհված Գրեհեմը։

— Դուք պետք է վճռեք,— պնդում էր Գրեհեմը։

Այժմ, երբ նրանք քննարկում էին, թե ինչպես պետք է վարվեն, նրանց դեմքին չկար ճակատագրի կողմից ուղարկված մեծ զգացմունքի հետևանք՝ երջանիկ արտահայտությունը։

— Բայց ես չեմ ուզում, որ դուք մեկնեք,— ասաց Պաոլան։— Ինքս էլ չգիտեմ, թե ինչ եմ ուզում։ Մի բարկացեք ինձ վրա։ Ես իմ մասին չէ, որ մտածում եմ։ Ես՝ ամենավերջում։ Բայց ես պետք է մտածեմ Դիկի մասին և պետք է մտածեմ ձեր մասին։ Ես... ես ախր սովոր չեմ այսպիսի վիճակի,— ավելացրեց նա տանջահար մի ժպիտով։

— Այդ վիճակը պետք է պարզել, ի՜մ սեր։ Դիկն ախր կույր չէ։

— Իսկ ի՞նչ կարող էր տեսնել։ Մի՞թե որևէ բան եղել է,— հարցրեց Պաոլան։— Ոչինչ, բացի կիրճում եղած այն միակ համբույրից, իսկ դա տեսնել չէր կարող։ Հապա, հիշեցեք, թե ուրիշ ինչ է եղել։

— Շատ կուզենայի, բայց... ավա՜ղ...— պատասխանեց Գրեհեմը, շարունակելով նրա կատակային տոնը, բայց հետո, անմիջապես ինքն իրեն զսպելով, ասաց.— Ձեր սիրուց ես խենթանում եմ։ Այսքան մի բան։ Եվ ես չգիտեմ, թե դուք որքանով եք խենթանում, և խենթանո՞ւմ եք արդյոք...

Միաժամանակ, նա ասես պատահաբար ձեռքն իջեցրեց կնոջ մատներին, որոնք հպված էին ստեղներին, բայց Պաոլան մեղմորեն ետ քաշեց ձեռքը։

—— Տեսնո՞ւմ եք,— ասաց նա վշտահար,— և ուզում էիք, որ վերադառնամ։

— Այո՛, ուզում էի, որ վերադառնաք,— ասաց Պաոլան՝ իր ջինջ հայացքով նայելով ուղիղ նրա աչքերին։— Այո՛, ես ուզում էի, որ վերադառնաք,— կրկնեց նա մեղմորեն, ասես յուրովի խոսելով։

— Բայց ես բնավ էլ վստահ չեմ որ դուք սիրում եք ինձ,— բացականչեց Իվենն անհամբերությամբ։

— Այո, ես սիրում եմ ձեզ, Իվեն, բայց...— նա չռեց, ասես կշռադատելով այն, ինչ կամենում էր ասել։

— Ի՞նչ «բայց»,— համառորեն հարցնում էր Գրեհեմը։— Դեհ, խոսեցեք։

— Բայց ես Դիկին էլ եմ սիրում։ Անհեթեթություն է, չէ՞։

Նա չպատասխանեց Պաոլայի ժպիտին, և կինը հիանում էր նրա աչքերում բռնկված տղայական համառությամբ։ Բառերը ուզում էին պոկվել Իվենի լեզվից, բայց նա լռում էր, իսկ Պաոլան ջանում էր կռահել չասված այդ բառերն ու վշտանում, որ դրանք չասվեցին։

— Երբևէ ամեն բան կկարգավորվի,— համոզված ասաց Պաոլան։— Պետք է կարգավորվի։ Դիկն ասում է, որ ամեն բան ի վերջո կարգավորվում է։ Ամեն բան փոխվում է։ Այն, ինչ գտնվում է իր տեղում, մեռած է։ Իսկ մեզնից դեռ ոչ ոք չի մեռել։ Ճի՞շտ է։

— Ես ձեզ չեմ հանդիմանում, որ սիրում եք... շարունակում եք սիրել Դիկին,— անհամբերությամբ ասաց Իվենը։— Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե դուք ինչ կարող էիք իմ մեջ գտնել նրա համեմատությամբ։ Ես դա ասում եմ միանգամայն անկեղծորեն։ Ըստ իս, նա հրաշալի մարդ է։ Մեծ հոգու տեր մարդ...

Պաոլան նրան պարգևեց մի ժպիտ ու գլխով արեց։

— Բայց եթե դուք շարունակում եք սիրել Դիկին, էլ ի՞նլ գործ ունեմ ես այստեղ։

— Ախր ես ձեզ էլ եմ սիրում։

— Այդպիսի բան չի կարող պատահել,— բացականչեց նա, արագ հեռանալով դաշնամուրից և, մի քանի քայլ անելով սենյակում, կանգնեց Քեյթի կտավի առաջ, որ կախված էր դիմացի պատից, ու նայեց այնպես, ասես երբեք չէր տեսել։

Պաոլան սպասում էր հանգիստ ժպիտով և ուրախությամբ հետևում նրա հուզումին։

— Դուք չեք կարող միաժամանակ սիրել երկու տղամարդու,— նետեց նա սենյակի մյուս կողմից։

— Այնուամենայնիվ, այդպես է, Իվեն։ Ես էլ ահա ջանում եմ այս ամենից գլուխ հանել։ Միայն թե չեմ կարողանում հասկանալ, թե ում եմ ավելի շատ սիրում։ Դիկին ես ճանաչում եմ վաղուց, իսկ դուք... դուք...

— Իսկ ես պատահական ծանոթ եմ,— կատաղած ընդհատեց նա Պաոլային, մոտենալով նրան նույն արագ քայլվածքով։

— Ո՛չ, ո՛չ, Իվեն, բոլորովի՜ն։ Դուք իմ առաջ բացահայտեցիք հենց ինձ։ Ես ձեզ սիրում եմ Դիկից ոչ պակաս։ Ես ձեզ ավելի շատ եմ սիրում։ Ես... ես չգիտեմ։

Պաոլան խոնարհեց գլուխն ու դեմքը ծածկեց ձեռքերով։ Գրեհեմը քնքշորեն հպվեց նրա ուսին։ Կինը չդիմադրեց։

— Տեսնո՞ւմ եք, իմ վիճակը ծանր է,— շարունակեց Պաոլան։— Այնպես է ամեն բան խճճվել, այնպես է խճճվել, որ ես ոչինչ չեմ հասկանում։ Դուք ասում եք, թե կորցրել եք ձեզ։ Բայց մտածեք ի՛մ մասին։ Ես լրիվ խճճվել եմ ու չգիտեմ անելիքս։ Դուք... ի՜նչ ասեմ ախր։ Դուք տղամարդ եք, տղամարդու կենսափորձով ու տղամարդու բնավորությամբ։ Ձեզ համար այդ ամենը շատ հասարակ բան է՝ նա սիրում է ինձ... նա չի սիրում ինձ։ Իսկ ես խճճվել ու չեմ կարողանում գլուխ հանել։ Ես էլ, իհարկե, աղջնակ չեմ, բայց ոչ մի փորձ չունեմ սիրային այդ բոլոր բարդություններից։ Ես երբեք սիրավեպեր չեմ ունեցել։ Կյանքումս սիրել եմ միայն մեկին, իսկ այժմ ահա... ձեզ... Դուք և ձեր նկատմամբ ունեցած իմ սերը քայքայեցին իդեալական ամուսնությունը, Իվեն։

— Գիտեմ...— ասաց նա։

— Իսկ ես ոչինչ չգիտեմ,— շարունակեց Պաոլան։— Եվ ժամանակ է պետք, որպեսզի այս ամենից գլուխ հանեմ, կամ սպասեմ, մինչև որ ամեն բան ինքն իրեն կարգավորվի։ Եթե միայն չլիներ Դիկը...— նրա ձայնը դողաց ու խզվեց։

Իվենն ակամա սեղմվեց նրան։

— Ո՜չ, ո՜չ, հիմա պետք չէ,— մեղմորեն ասաց Պաոլան, հեռացնելով նրա ձեռքը և մի րոպե քնքշորեն պահելով իր ափի մեջ։— Երբ դիպչում եք ինձ, ես չեմ կարողանում մտածել... Դե, չեմ կարողանում...

— Այդ դեպքում, ես պետք է մեկնեմ,— սպառնալից ասաց նա, թեև բնավ չէր կամենում սպառնալ Պաոլային։

Պաոլան բողոքի նշան արեց։

— Այնպիսի իրավիճակ, ինչպիսին ստեղծված է, անհնարին է, անթույլատրելի։ Ես ինձ զգում եմ որպես սրիկա, միևնույն ժամանակ գիտեմ, որ սրիկա չեմ։ Ես չեմ հանդուրժում խաբեությունը։ Ես կարող եմ խաբել խաբեբային, բայց ոչ այնպիսի մարդու, ինչպիսին Դիկն է։ Խաբել Մեծ հոգու տեր մարդո՜ւն... Ես ավելի հաճույքով կգնայի ուղիղ նրա մոտ ու կասեի. «Դիկ, ես սիրում եմ ձեր կնոջը, նա էլ սիրում է ինձ։ Ի՞նչ եք մտադիր անել»։

— Դե, ուրեմն, գնացեք,— հանկարծ տաքացավ Պաոլան։

Գրեհեմը վճռական մի շարժումով ուղղվեց։

— Եվ կգնամ։ Եվ հենց հիմա։

  • Ո՜չ, ո՜չ,— բացականչեց Պաոլան՝ հանկարծակի սարսափով բռնված։— Դուք պետք է մեկնեք։— Հետո նրա ձայնը դարձյալ նվաղեց։— Բայց ես չեմ կարող բաց թողնել ձեզ....

Եթե Դիկը մինչև այժմ դեռ կասկածում էր Գրեհեմի նկատմամբ ունեցած Պաոլայի զգացմունքներին, հիմա արդեն նրա կասկածները փարատվեցին։ Նա որևէ ապացույցի կարիք չուներ այլևս, բավական էր նայել Պաոլային։ Պաոլան բարձր տրամադրության մեջ էր, նա ծաղկում էր, ինչպես փարթամ գարունը, ծիծաղը հնչում էր շատ երջանիկ, ձայնը ավելի հարուստ ու արտահայտիչ էր դարձել, տաք աղբյուրի պես նրա մեջ հորդում էր անսպառ եռանդն ու գործունեության ծարավը։ Թվում էր, նա վճռել է այլևս չխնայել իրեն և հափշտակությամբ խմում էր զգացմունքների կայծկլտացող գինին։ Եվ Դիկը երբեմն տարակուսում էր. գուցե նա դիտավորյա՞լ է տրվում այդ գինովությանը, որովհետև արիություն չունի մտորելու այն մասին, ինչ տեղի է ունենում իր հետ։

Պաոլան կարգին նիհարել էր, և Դիկը պետք է խոստովաներ, որ կինը դրանից ավելի էր գեղեցկացել, քանզի նրա դեմքի գույներն ստացեղ էին ինչ-որ թափանցիկություն և ներշնչված էին կենսականությամբ։

Իսկ Մեծ տան կյանքն ընթանում էր առաջվա նման՝ խիստ պատշաճ, ուրախ ու անհոգ։ Դիկը երբեմն հարցնում էր յուրովի. երկա՞ր է շարունակվելու արդյոք դա։ Եվ սարսափում էր՝ պատկերացնելով, թե ինչ կլինի, եթե ամեն բան փոխվի։ Նա վստահ էր, որ բացի իրենից ոչ ոք որևէ բան չի կռահում։ Դեռ որքա՞ն կարող է դա ձգվել։ Իհարկե, ոչ երկար։ Պաոլան չափազանց վատ դերասան է։ Եվ եթե նա նույնիսկ կարողանում է թաքցնել ինչ-որ գարշելի ու ստոր մանրամասնություններ, ապա նոր զգացմունքների այդօրինակ ալիքը թաքցնելը ամեն մի կնոջ ուժերից վեր է։

Դիկը գիտեր, թե որքան խորաթափանց են իր ասիացի ծառաները, խորաթափանց են ու նրբանկատ, պետք է խոստովանել։ Բայց կանա՜յք... Այդ նենգ կատունե՜րը։ Նրանցից ամենալավն էլ հիացմունք կապրի, իմանալով, որ օրինակելի, անարատ Պաոլան Եվայի դուստրերից մեկն է, ինչպես և բոլորը։ Ցանկացած կինը, որ հայտնվի տանը մեկ օրով, մեկ երեկոյով, կարող է անմիջապես կռահել Պաոլայի ապրումների մասին։ Գրեհեմից գլուխ հանելը դժվար է։ Բայց կինը կնոջը միշտ էլ հասկանում է։

Սակայն Պաոլան էլ այդ հարցում այլ է ուրիշներից։ Դիկը երբեք չի նկատել նրա մեջ կանացի զուտ նենգություն, ուրիշ կանանց հսկելու, նրանց ջրի երես հանելու ցանկություն, բացառությամբ այն դեպքերի, երբ գործը վերաբերել է Դիկին։ Եվ նա դարձյալ քթի տակ ծիծաղեց, հիշելով միսիս Դեհեմենիի հետ ունեցած «սիրավեպը», որը «սիրավեպ» էր միայն Պաոլայի երևակայության մեջ։

Այս ամենի մասին մտմտալով՝ Դիկն իրեն հարցնում էր. Պաոլան գիտե՞ արդյոք, որ ինքը կռահում է։

Իսկ Պաոլան ինքն իրեն հարցնում էր՝ կռահո՞ւմ է Դիկն արդյոք, ու երկար ժամանակ չէր կարողանում պատասխան գտնել։ Նա ոչ մի փոփոխություն չէր նկատում ոչ Դիկի և ոչ էլ իր նկատմամբ նրա վերաբերմունքի մեջ։ Ինչպես միշտ, Դիկն անասելի շատ էր աշխատում, կատակում էր, երգում էր իր երգերը, նա դեռ նույն երջանիկ և ուրախ տղայի տեսքն ուներ։ Պաոլային հաճախ թվում էր նույնիսկ, որ Դիկը դարձել է ավելի քնքուշ, բայց ինքն իրեն համոզում էր, թե դա երևակայության պտուղ է։ Սակայն շուտով անորոշ վիճակն ավարտվեց։ Երբեմն սեղանի շուրջը, հյուրերի բազմության մեջ, կամ երեկոյան՝ հյուրասենյակում թուղթ խաղալիս, Պաոլան նայում էր նրան կիսախուփ կոպերի միջով, երբ Դիկը ոչինչ չէր նկատում, և վերջապես, ամուսնու աչքերից ու դեմքի արտահայտությունից հասկացավ, որ նա գիտե։ Գրեհեմին նույնիսկ չակնարկեց իր հայտնագործության մասին։ Դրանից ո՞ւմ վիճակը կթեթևանա։ Գրեհեմը անմիջապես կարող էր մեկնել, իսկ Պաոլան,— նա ինքն իրեն ազնվորեն խոստովանել էր դա,— ամենից քիչ էր ուզում նրա մեկնելը։

Բայց գալով այն համոզման, որ Դիկը գիտե կամ կռահում է, Պաոլան ասես դարձավ ավելի դաժան ու սկսեց դիտավորյալ խաղալ կրակի հետ։ Եթե Դիկը գիտե, մտածում էր նա,— իսկ Դիկը գիտե,— ուրեմն ինչո՞ւ է լռում։ Չէ՞ որ Դիկը անկեղծ է և ուղղամիտ։ Պաոլան և՛ ցանկան ում էր բացատրություն, և՛ վախենում էր դրանից. բայց հետո վախն անցավ, և մնաց միայն ցանկությունը, որպեսզի Դիկը, վերջապես, խոսի։ Դիկը գործարար մարդ էր և միշտ վճռականություն էր ցուցաբերում, ինչպիսի վտանգ էլ որ սպառնալիս լիներ։ Պաոլան միշտ նրան էր զիջում նախաձեռնությունը։ Ստեղծված վիճակը Գրեհեմն անվանել էր եռանկյունի։ Թող Դիկն էլ վճռի այդ խնդիրը։ Նա ցանկացած խնդիր կարող է վճռել։ Էլ ինչո՞ւ է դանդաղում։

Միևնույն ժամանակ Պաոլան շարունակում էր ապրել առանց ետ նայելու, ջանալով զսպել խղճի ձայնը, որ նրան մեղադրում էր երկերեսանության մեջ, ապրում էր, չկամենալով չափից դուրս խորանալ այդ ամենի մեջ։ Նրան թվում էր, թե բարձրացել է իր կյանքի գագաթնակետին և ագահորեն ըմպում է այդ կյանքը։

Լինում էր ժամանակ, որ նա ոչ մի բանի մասին չէր մտածում և միայն յուրովի հպարտանում էր, որ իր ոտքերի տակ են գտնվում երկու այդպիսի տղամարդ։ Հպարտությունը միշտ գերակշռող գիծ էր եղել նրա բնավորության համար, նա հպարտանում էր տարբեր տեսակի տաղանդներով, իր արտաքինով, երաժշտության և լողալու մեջ ունեցած վարպետությամբ։ Այդ ամենը նրան բարձրացնում էր ուրիշների նկատմամբ, հիանալի պարելիս լիներ, թե հագած լիներ անասելի գեղեցիկ ու ընտիր զգեստ, կամ սքանչելի ու համարձակ լողալիս լիներ,— հազվագյուտ կինը կհամարձակվեր այդպես սուզվել,— կամ հզոր նժույգին հեծած թեքությամբ իջներ ավազան ու վստահորեն լողար անցներ դեպի հակառակ եզրը, միևնույն էր։

Պաոլան հպարտության զգացում էր ապրում, երբ նրանց տեսնում էր երկուսով, այդ մոխրագույն աչքերով հսկաներին, քանզի ինքն էլ նույն ցեղին էր պատկանում։ Պաոլային չէր լքում տենդագին հուզմունքը, սակայն բանը միայն նյարդերը չէին։ Նա նույնիսկ իրեն բռնում էր այն բանում, որ սառնարյուն հետաքրքրասիրությամբ երկուսին համեմատում էր իրար հետ, ինքն էլ չիմանալով, թե նրանցից ում համար է ջանում լինել որքան հնարավոր է գեղեցիկ ու հմայիչ։ Գրեհեմին նա արդեն բռնել էր, իսկ Դիկին չէր կամենում բաց թողնել։

Նույնիսկ ինչ-որ դաժանություն կար այն հպարտ գիտակցության մեջ, որ հանուն իրեն և իր պատճառով տառապում են երկու այդպիսի ոչ սովորական մարդ, բնավ ինքն իրենից չէր թաքցնում, որ եթե Դիկը գիտե, ավելի ճիշտ, այն ժամանակից ի վեր, ինչ իմացել է, նա էլ պետք է տառապելիս լինի։ Պաոլան համոզում էր իրեն, որ ինքը վառ երևակայություն ունեցող ու սիրո հարցերում գայթակղված կին է, և որ Գրեհեմի նկատմամբ ունեցած սիրո պատճառը բոլորովին էլ նորության ու թարմության, մեջ չէ, ոչ էլ այն բանում, որ նա ուրիշ տղամարդ է, քան Դիկը։ Պաոլան չէր կամենում ինքն իրեն խոստովանել, թե ինչպիսի վճռական դեր ունի այստեղ կիրքը։

Հոգու խորքում նա կարող էր չհասկանալ, որ դա անխոհեմություն է, խենթություն, ախր ամեն բան զարհուրելի կերպով կարող է ավարտվել իրենցից մեկնումեկի, ու թերևս, բոլորի համար։ Բայց նրան դուր էր գալիս ճախրել անդնդի վրա, իրեն համոզելով, թե ոչ մի անդունդ էլ չկա։ Երբ նա մնում էր միայնակ, ապա հաճախ, նայելով հայելուն, ծիծաղելի մի կշտամբանքով ճոճում էր գլուխն ու բացականչում. «Ահ դու, գիշատիչ կին, գիշատիչ կին»։ Իսկ երբ այդ մասին թույլ էր տալիս իրեն մտորել ավելի լրջորեն, ապա տպատրաստ էր համաձայնելու, որ Շոուն և «Մադրոնյան պուրակի» իմաստուններն իրավացի են կանանց գիշատիչ բնազդները բացահայտելիս։

Նա, իհարկե, չէր կարող համաձայնել Դար֊Հիալի հետ, թե կինը անհաջող տղամարդ է։ Բայց նորից ու նորից հիշում էր Ուայլդի խոսքերը. «Կինը հաղթում է անսպասելիորեն հանձնվելով»։ Արդյոք հենց դրանով չի՞ գերել Գրեհեմին, յուրովի հարցնում էր Պաոլան։ Որքան էլ դա տարօրինակ լիներ, բայց նա արդեն զիջումներ անում էր։ Հետագա զիջումների էլ կգնա՞ արդյոք... Իվենր կամենում էր մեկնել։ Պաոլայի հետ, թե ոչ միևնույն է, ուզում էր մեկնել։ Բայց Պաոլան պահեց նրան։ Ինչպե՞ս։ Ավելացե՞լ էր արդյոք լուռ մի խոստում, որ կզիջի վերջնականապես։ Պաոլան ծիծաղով էր հեռու վանում ապագայի վերաբերյալ ամեն տեսակի ենթադրությունները, բավարարվելով ներկայի ակնթարթային բերկրանքով, ջանալով իր մարմինը դարձնել առավել գեղեցիկ, իր հմայքները առավել կատարյալ, ճառագայթել երջանկության փայլատակումներ, և դրա հետ մեկտեղ զգում էր կյանքի այնպիսի հագեցվածություն ու թրթիռ, որպիսիք դեռևս անհայտ էին իրեն։

Գլուխ XXVII

Բայց երբ տղամարդն ու կինը սիրահարված են ու այդքան մոտ են ապրում իրար, նրանց չի հաջողվում անփոփոխ պահպանել հեռավորությունը։ Պաոլան և Գրեհեմը աննկատելիորեն մտերմացան։ Երկար հայացքներից և ձեռքը ձեռքին շփելուց նրանք աստիճանաբար անցան այլ անթույլատրելի քնքշությունների, և գործն ավարտվեց նրանով, որ մի անգամ Պաոլան դարձյալ հայտնվեց Իվենի գրկում, ու նրանց շուրթերը հարատև համբույրով իրար հպվեցին։

Այս անգամ Պաոլան ոչ թե կատաղության պոռթկում ապրեց, այլ տիրաբար ասաց.

— Ես ձեզ բաց չեմ թողնի։

— Ես մնալ չեմ կարող,— կրկնեց Գրեհեմը արդեն քանի հարյուրերորդ անգամ։— Ինձ, իհարկե, բազմաթիվ անգամներ է վիճակվել համբուրվել փակ դռների հետևում և ամեն տեսակի հիմարություններ անել, բայց այս դեպքում վիճակն այլ է. իմ առջև դուք եք և Դիկը։

— Հավատացնում եմ ձեզ, Իվեն, ամեն բան ինչ-որ կերպ կկարգավորվի։

— Այդ դեպքում, եկեք ինձ հետ, և մենք ամեն բան կկարգավորենք։ Մեկնենք։

Պաոլան նահանջեց։

— Հիշեցեք,— պնդեց Գրեհեմը,— թե ինչ հայտարարեց այն երեկո Դիկը, երբ Լեոն մարտնչում էր վիշապների դեմ։ Նա ասաց, եթե նույնիսկ Պաոլան, նրա կինը, երբևէ փախչի նրանից, կասի միայն. «Օրհնում եմ ձեզ, զավակներս»։

— Այո, հենց դրի համար էլ այսպես դժվար է, Իվեն։ Նա, իսկապես, Մեծ հոգու տեր մարդ է։ Դուք շատ ճիշտ ասացիք։ Լսեցեք։ Հետևեցեք նրան։ Նա առանձնահատուկ կերպով քնքուշ է ու հոգատար, ինչպես և խոստացավ այն երեկո, ուզում եմ ասել, ինձ հետ է քնքուշ։ Եվ բացի այդ... դուք չեք նկատել...

— Նա գիտե՞... Նա որևէ բան ասե՞լ է ձեզ,— ընդհատեց Գրեհեմը։

— Ոչինչ չի ասել, բայց ես վստահ եմ, որ գիտե, կամ, համենայն դեպս, կռահում է։ Հետևեցեք նրան։ Նա չի կամենում մրցակցել ձեզ հետ։

— Մրցակցե՞լ...

— Այո։ Չի ուզում։ Հիշեցեք երեկվա օրը։ Երբ մեր խումբը ժամանեց, նա սանձահարում էր մուսթանգներին, բայց ձեզ տեսնելով, այլևս թամբին չնստեց։ Նա սքանչելի սանձահարող է։ Դուք ևս փորձեցիք։ Ճիշտ է, վատ չստացվեց, բայց դեռ շատ հեռու էիք նրա վարպետությունից։ Բայց նա չուզեց ցուցադրել իր առավելությունը։ Հենց միայն դա ինձ համոզեց, որ նա կռահել է։

Եվ հետո, դուք ուշադրություն չեք դարձրել այն բանի վրա, որ հիմա երբեք չի հարցնում ձեզ, թե ինչ եք անում, որտեղ եք անցկացնում ժամանակը, ինչպես սովորաբար հարցափորձ է անում ամեն մի հյուրի։ Նա ձեզ հետ բիլիարդ է խաղում, որովհետև դուք նրանից լավ եք խաղում, մեկ էլ մենամարտում է սուսերով ու փայտով, որտեղ ևս հավալսար են ձեր ուժերը։ Սակայն նա ձեզ չի հրավիրում ոչ բռնցքամարտի և ոչ էլ ըմբշամարտի։

— Այո, այդտեղ նա իսկապես կարող է հաղթել ինձ,— քրթմնջաց Գրեհեմը։

— Հետևեցեք և կտեսնեք, որ ես իրավացի եմ։ Իսկ ինձ վերաբերվում է ինչպես կամակոր մտրուկի, իբր՝ թող խենթություններ անի որքան սիրտն ուզում է։ Ոչ մի դեպքում նա չի խառնվում իմ գործերին։ Օ՜հ, հավատացեք ինձ, ես նրան լավ եմ ճանաչում։ Նա ապրում է իր սեփական օրենքներով և փիլիսոփաներին կարող է սովորեցնել, թե ինչ բան է գործնական փիլիսոփայությունը։

— Ո՛չ, ո՛չ, լսեցեք,— աճապարանքով շարունակեց Պաոլան, զգալով, որ Գրեհեմն ուզում է ընդհատել։— Եվ ձեզ ավելին կասեմ։ Գրադարանից դեպի Դիկի աշխատասենյակը տանող մի գաղտնի սանդուղք կա, այդ սանդուղքից օգտվում եմ միայն ես, ու մեկ էլ նրա քարտուղարը։ Երբ բարձրանում եք այդ սանդուղքով, անմիջապես հայտնվում եք նրա սենյակում, գրապահարանների ու դարակների միջև։ Ես հիմա այնտեղից եմ գալիս։ Գնում էի նրա մոտ, բայց ձայներ լսեցի ու մտածեցի, որ սովորականի պես խոսում են կալվածքի գործերից, և Դիկն էլ շուտով կազատվի։ Ուստի որոշեցի սպասել։ Իսկապես այդ խոսակցությունը գործերի մասին էր, բայց այնքան հետաքրքիր, ինչպես Հենքոկը կասեր, այնպիսի «լույս էր սփռում», որ չդիմացա ու ականջ դրեցի։ Այդ խոսակցությունը «լույս էր սփռում» հենց իր՝ Դիկի բնավորության վրա, ուզում եմ ասել։

Նա զրուցում էր բանվորներից մեկի կնոջ հետ։ Կինը եկել էր բողոքով... Այդպիսի բաներ հաճախ են պատահում բանվորական ավանում։ Եթե ես այդ կնոջն հանդիպեի՝ չէի ճանաչի և նույնիսկ անունը չէի հիշի։ Կինն անդադար բուղոքում էր, բայց Դիկն ընդհատեց նրան։ «Դա կարևոր չէ,— ասաց,— ես ուզում եմ իմանալ՝ դուք ինքներդ Սմիթին խրախուսո՞ւմ էիք, թե ոչ»։

Նրա անունը, իհարկե, Սմիթ չէ. ես չեմ հիշում ճիշտ անունը, բայց դա նշանակություն, չունի, նա մեզ մոտ է ծառայում արդեն ութ տարի, աշխատում է որպես վարպետ։

«Օ՜հ, ո՛չ, սըր,— լսեցի ես կնոջ պատասխանը։— Նա ինձ երբեք հանգիստ չի թողել։ Ես, իհարկե, ջանում էի խուսափել նրանից։ Ախր ամուսինս էլ կատաղած մարդ է, իսկ ես ամենից շատ վախենում եմ, որ հանկարծ կկորցնի տեղը։ Նա գրեթե մեկ տարի է, ինչ աշխատում է այստեղ և, կարծես, ոչնչով աչքի չի ընկել։ Ճի՞շտ է։ Մինչ այդ ունեցել է միայն պատահական աշխատանքներ, ու մենք շատ ծանր վիճակում էինք գտնվում։ Դա նրա մեղքը չէ. նա չի խմում, և միշտ...»

«Լավ,— ընդհատեց նրան Դիկը։— Ոչ նրա աշխատանքը, ոչ էլ վարքը տվյալ դեպքում նշանակություն չունեն։ Ուրեմն, դուք պնդում եք, որ Սմիթին երբեք որևէ հիմք չեք տվել ձեզ սիրատածելու համար»։

Ոչ, այդ կինը պնդում էր, որ չի տվել ու տասը րոպե շարունակ մանրամասնորեն պատմում էր, թե ինչպես է Սմիթը կպչում իրենից։ Կնոջ ձայնը շատ հաճելի էր. գիտեք, լինում, են այդպիսի մեղմ ու անհամարձակ կանացի ձայներ. և հավանաբար, նա սիրունիկն էր։

Հազիվ ինձ զսպեցի, որ ներս չմտնեմ։ Այնպե՜ս էի ուզում տեսնել այդ կնոջը։

«Ուրեմն, դեպքը պատահել է երեկ առավոտյա՞ն,— հարցրեց Դիկը։— Իսկ ուրիշները լսեցի՞ն։ Ես ուզում եմ ասել, բացի ձեզնից, միստր Սմիթից ու ձեր ամուսնուց, թեկուզև հարևանները գիտեի՞ն այդ մասին»։

«Այո, սը՛ր։ Գիտեք, ախր, նա ոչ մի իրավունք չուներ իմ հետևից մտնել խոհանոց։ Ամուսինս ստորադաս աշխատող չէ։ Նա ինձ գրկեց ու աշխատում էր համբուրել, իսկ այդ պահին ներս մտավ ամուսինս։ Չնայած բնավորությանը, այնքան էլ ուժեղ չէ։ Սմիթը երկու անգամ բարձրահասակ է նրանից։ Ամուսինս դանակը հանեց, իսկ միստր Սմիթը բռնեց նրա երկու ձեռքերը, կպան իրար ու սկսեցին գլորվել ամբողջ խոհանոցով մեկ։ Ես վախեցա, որ հանկարծ գործը չհասնի սպանության, դուրս վազեցի և օգնություն կանչեցի։ Բայց հարևաններն արդեն լսել էին մեր տան աղմուկը։ Ամուսինս ու Սմիթը կռվելիս փշրեցին պատուհանը, շուռ տվեցին վառարանը, ողջ խոհանոցը կորել էր ծխի ու մրի մեջ. նրանց հազիվ բաժանեցին։ Իսկ ինձ ամոթանք տվեցին։ Ինչո՞ւ։ Դուք ախր գիտեք, սըր, թե հիմա բոլոր կանայք ինչպես են լեզվին տալու»...

Դիկը նորից ընդհատեց նրան, բայց դեռ մոտ հինգ րոպե շարունակ ոչ մի կերպ չէր կարողանում օձիքն ազատել։ Ամենից շատ կինը վախենում էր, թե հանկարծ ամուսինը չզրկվի տեղից։ Ես սպասում էի, թե Դիկն ինչ կասի նրան, բայց, ըստ երևույթին, դեռ վերջնական որոշում չէր կայացրել։ Ու ես համոզված էի, որ նա հիմա կկանչի վարպետին։ Եվ նա իսկապես հայտնվեց։ Ամեն ինչ կտայի նրան տեսնելու համար, բայց լսում էի միայն խոսակցությունը։

Դիկն անմիջապես անցավ գործին, նկարագրեց ողջ աղմուկն ու ծեծկռտոցը, և Սմիթը խոստովանեց, որ իսկապես կարգին աղմուկ է բարձրացել։

«Նա ասում է, որ երբեք ու ոչ մի բանով չի խրախուսել ձեր սիրատածումները»,— հայտարարեց Դիկը։

«Ստում է,— պատասխանեց Սմիթը։— Նա այնպես է նայում, ասես ինքն է հրավիրում սիրատածվելու... Նա հենց առաջին օրից այդպես էր նայում ինձ։ Իսկ այդ երեկո խոհանոց գնացի այն պատճառով, որ ինքն էր կանչել։ Մենք չէինք կարծում, թե ամուսինը այդքան շուտ կգա։ Բայց հենց որ ամուսնուն տեսավ, սկսեց քաշքշվել ու կռվել։ Իսկ եթե նա ասում է, թե չի գայթակղել ինձ...»

«Վերջ տվեք,— ընդհատեց նրան Դիկը,— դրանք դատարկ բաներ են, դա չէ կարևորը»։

«Ինչպե՞ս թե դատարկ բաներ են, միստր Ֆորրեսթ. ես իրավունք ունեմ արդարանալու»,— պնդեց Սմիթը։

«Ոչ, դա էական չէ այն հարցում, որտեղ դուք արդարանալ չեք կարող»,— պատասխանեց Դիկը, և ես նրա ձայնի մեջ լսեցի ինձ շատ ծանոթ դաժան ու վճռական երանգները։ Սմիթը դեռևս չէր հասկանում։ Ուստի Դիկը բացատրեց նրան իր տեսակետը. «Միստր Սմիթ, դուք մեղավոր եք այն հարցում, որ աղմուկ֊աղաղակ է բարձրացել, որ անկարգություններ եք արել, այն հարցում, որ կանանց բամբասանքների համար սնունդ եք տվել, այն հարցում, որ դուք խախտել եք կարգապահությունը, իսկ այս ամենը հանգեցնում է մի շատ կարևոր եզրակացության, դուք մեր աշխատանքում անկազմակերպվածություն եք ներարկել»։

Բայց Սմիթը դեռ չէր հասկանում։ Նա կարծեց, թե իրեն մեղադրում են հասարակական բարոյականությունը խախտելու մեջ, քանի որ հետամուտ է եղել ամուսնացած կնոջը, և ամեն կերպ ջանում էր ստանալ Դիկի ողորմածությունը, պատճառաբանելով, որ ախր կինն է հաճոյացել, ու խնդրում էր ներողամիտ լինել իր նկատմամբ։ «Ի վերջո,— ասաց նա,— տղամարդը, միստր Ֆորրեսթ, մնում է տղամարդ, համաձայն եմ, որ նա գլուխս յուղել է, իսկ ես վարվել եմ իսկական հիմարի պես»։

«Միստր Սմիթ,— ասաց Դիկը դուք ինձ մոտ աշխատում եք արդեն ութ տարի, որից վեցը՝ որպես վարպետ։ Ձեր աշխատանքից դժգոհելու առիթ չունեմ։ Աշխատել, իհարկե, կարողանում եք։ Ձեր բարոյականության հարցն ինձ չի վերաբերում։ Թեկուզև մորմոն լինեք կամ թուրք։ Ձեր մասնավոր կյանքը իմ գործը չէ, եթե միայն չի խանգարում կալվածքի աշխատանքներին։ Իմ կառապաններից ամեն մեկը կարող է շաբաթ օրերը հարբել մինչև գիտակցությունը կորցնելը, թեկուզև ամեն շաբաթ օր. դա նրա գործն է։ Բայց եթե հանկարծ պարզվի, որ երկուշաբթի օրը նա դեռ չի լրջացել, ու դա վատ է անդրադառնում իմ ձիերի վրա՝ կոպիտ է վարվում կենդանիների հետ, ծեծում է և կարող է վնաս պատճառել, և կամ եթե դա ինչ-որ չափով իջեցնի երկուշաբթի օրվա նրա աշխատանքի քանակը կամ որակը, այդ իսկ րոպեից նրա հարբեցողությունն արդեն դառնում է իմ գործը, կառապանը կարող է գրողի ծոցը կորչել»։

«Դուք... դուք հո չե՞ք ուզում ասել, միստր Ֆորրեսթ,— կակազելով քրթմնջաց Սմիթը,— որ... որ ես էլ կարող եմ կորչել գրողի ծոցը»։

«Հենց այդ էլ ուզում եմ ասել, միստր Սմիթ։ Եվ ես ձեզ հեռացնում եմ ոչ թե այն պատճառով, որ ոտնձգություն եք կատարել ուրիշի սեփականության նկատմամբ,— դա ձեր և նրա ամուսնու գործն է,— այլ այն պատճառով, որ իմ կալվածքում անկարգությունների առիթ եք տվել»։

— Եվ գիտեք, Իվեն,— ասաց Պաոլան, ընդհատելով իր պատմությունը,— թվային մերկ տվյալներով Դիկը կռահում է ավելի շատ կյանքային դրամաներ, քան ցանկացած գրողը, որը մխրճված է մեծ քաղաքի ջրապտույտի մեջ։ Վերցրեք թեկուզ կաթի ֆերմաների հաշվետվությունները՝ յուրաքանչյուր կթվորի տեղեկատուն առանձին-առանձին. այսքան լիտր կաթ՝ ստացված այսինչ կովից առավոտյան ու երեկոյան, այսքան լիտրն էլ այսինչ կովից։ Դիկը մարդուն ճանաչելու ոչ մի անհրաժեշտություն չունի։ Բայց ահա կիթը նվազել է։ «Միստր Փարքմեն,— հարցնում է նա կաթի ֆերմայի կառավարչին,— ինչ է, Բարչի Փերատտան ամուսնացա՞ծ է»,— «Այո, սըր»։— «Ի՞նչ է պատահել, կնոջ հետ համերաշխ չէ՞»։— «Այո, սըր»։

Կամ. «Միստր Փարքմեն, Սիմփքինսը երկար ժամանակ մեր լավագույն կթվորն էր, իսկ հիմա ուրիշներից ետ է մնում։ Ի՞նչ է պատահել»։ Փարքմենը չգիտե։ «Իմացեք,— ասում է Դիկը։— Նրա հոգում ինչ-որ բան է կատարվում։ Հայրաբար զրուցեցեք հետը և հարցուփորձ արեք։ Անհրաժեշտ է թեթևացնել նրա սիրտը»։ Եվ միստր Փարքմենը ստուգում է, թե ինչումն է բանը։ Պարզվում է, որ Սիմփքինսի որդին՝ Սթենֆորդյան համալսարանի ուսանող, հանկարծ թողել է ուսումը, սկսել է կերուխումով զբաղվել և հիմա էլ զեղծարարության համար բանտում նստած, սպասում է դատին։ Դիկն այդ գործը հանձնեց իր փաստաբաններին, նրանք կոծկեցին այդ պատմությունը, կարողացան երաշխավորությամբ տղային ազատել բանտից, և Սիմփքինսի տեղեկատուները դարձյալ վերականգնվեցին։ Եվ ամենից լավն այն էր, որ տղան ուղղվեց,— Դիկը նրան վերցրեց, իր հսկողության տակ,— ավարտեց ինժեներական ուսումնարանը և այժմ ծառայում է մեզ մոտ, աշխատում է ճահիճների չորացման վրա, ամսական ստանում է հարյուր հիսուն դոլլար, ամուսնացել է, և նրա ապագան արդեն ապահովված է, իսկ հայրը շարունակում է կթել կովերին։

— Դուք իրավացի եք,— մտահոգ ու զգացված մրմնջաց Գրեհեմը,— իզուր չէր, որ ես Դիկին անվանեցի Մեծ հոգու տեր մարդ։

— Ես նրան անվանում եմ «իմ անխախտ ժայռ»,— սրտանց ասաց Պաոլան։— Նա այնքա՜ն վստահելի է։ Ոչ, դուք դեռ չեք ճանաչում նրան։ Ոչ մի փոթորիկ նրան չի կարող կոտրել։ Ոչինչ չի ծռի։ Նա ոչ մի անգամ չի սայթաքել։ Ասես աստված ժպտում է նրան, միշտ ժպտում է։ Կյանքը նրան երբեք ծնկի չի բերել... առայժմ։ Եվ... ես... ես... չէի կամենա վկա լինել այդ բանին։ Դա կփշրեր իմ սիրտը։— Պաոլայի ձեռքը ձգվեց դեպի Իվենի ձեռքը, թեթև այդ հպումի մեջ կար և՛ աղերսանք, և՛ քնքշություն։— Ես հիմա վախենում եմ նրա համար։ Ահա ինչո՛ւ չգիտեմ, թե ինչպես վարվեմ։ Ախր հանուն ինձ չէ, որ դանդաղում եմ, երկմտում... Եթե ես կարողանայի նրան կշտամբել պահանջկոտության, սահմանափակվածության, թուլության և չնչին ստորության մեջ, եթե կյանքը առաջ էլ նրան հարվածած լիներ, ես արդեն շատ վաղուց կմեկնեի ձեզ հետ, սիրելիս, սիրելի՜ս...

Պաոլայի աչքերն հանկարծ խոնավացան։ Նա Գրեհեմին հանգստացրեց ձեռքը սեղմելով և, որպեսզի տիրապետի իրեն, դարձավ պատմությանը.

— «Նրա ամուսինը, միստր Սմիթ, ձեր ճկույթն էլ չարժե,— շարունակեց Դիկը։— Ի՞նչ կարելի է ասել նրա մասին։ Ժրաջան է, աշխատում է գոհ թողնել, բայց խելացի չէ, ուժեղ չէ, լավագույն դեպքում՝ միջակ աշխատավոր։ Բայց և այնպես, ստիպված եմ ձեզ հեռացնել, ու ոչ թե նրան. և այդ պատճառով ես շատ, շատ եմ ցավում»։

Իհարկե, նա ուրիշ շատ բաներ էլ ասաց, բայց ես պատմեցի հիմնականը։ Այստեղից դուք կարող եք դատել նրա սկզբունքների մասին։ Իսկ նա երբեք չի դավաճանում դրանց։ Դիկը անհատին տալիս է լիակատար ազատություն։ Ինչ էլ որ անելու լինի մարդը, քանի դեռ չի ոտնահարում այն խմբի շահերը, որոնց հետ ապրում է, դա ոչ ոքի չի վերաբերում։ Դիկի կարծիքով, Սմիթն իրավունք ունի սիրել կնոջը և սիրվել նրա կողմից, եթե այդպես է ստացվել։ Նա միշտ ասում էր, որ սերը ոչ կփաթաթես մարդու գլխին, ոչ էլ կպահես բռնությամբ։ Եթե ես իսկապես գնայի ձեզ հետ, նա կասեր. «Օրհնում եմ ձեզ, զավակներս»։ Որքան էլ դա ծանր լիներ նրա համար, հենց այդպես էլ կասեր, քանզի գտնում է, որ անցած սերը չես վերադարձնի։ Սիրո ամեն մի ժամը, ասում է նա, լրիվ է փոխհատուցվում, երկու կողմերն էլ ստանում են իրենց հասանելիքը։ Այս հարցում ոչ հաշիվ կարելի է ներկայացնել և ոչ էլ հավակնություն. սեր պահանջելը պարզապես ծիծաղելի է։

— Ես նրա հետ միանգամայն համաձայն եմ,— ասաց Գրեհեմը։— «Դու ինձ խոստացար սիրել մինչև կյանքի վերջը»,— հայտարարում է վիրավորված կողմը, ասես դա ինչոր գումարի մուրհակ լինի, որը կարելի է ներկայացնել գանձելու համար։ Դոլլարը դելլար էլ մնում է, իսկ սերը՝ ողջ կամ մեռած։ Բայց եթե սերը մեռել է, որտեղի՞ց վերցնել։ Այս հարցում մեր բոլորիս կարծիքներն էլ համընկնում են, և ամեն բան պարզ է։ Մենք սիրում ենք իրար, և դա բավական է։ Էլ ինչո՞ւ սպասենք թեկուզև մեկ ավելորդ րոպե։

Գրեհեմի ձեռքը սահեց նրա մատների երկայնքով, որոնք հպված էին ստեղներին, հետո նա թեքվեց Պաոլայի վրա, սկզբում համբուրեց մազերը, ապա դանդաղ իր կողմը շրջեց նրա դեմքն ու համբուրեց բաց, հնազանդ շուրթերը։

— Դիկը ինձ չի սիրում այնպես, ինչպես դուք,— ասաց Պաոլան,— ոչ այդպես խենթորեն, ուզում եմ ասել։ Ես ախր երկար ժամանակ է, ինչ նրա հետ եմ, ու նրա համար դարձել եմ սովորության պես մի բան։ Մինչև ձեզ հետ հանդիպելս ես հաճախ, շատ հաճախ եմ մտորել այդ մասին ու ջանացել եմ գուշակել, ավելի շատ ո՞ւմ է նա սիրում՝ ի՞նձ, թե կալվածքը...

— Բայց ախր այդ ամենը այնքան հասարակ բան է,— ասաց Գրեհեմը։— Պետք է միայն ազնիվ լինել։ Գնա՛նք։

Նա բարձրացրեց ու ոտքի կանգնեցրեց Պաոլային, ասես պատրաստվելով անմիջապես տանել։ Բայց Պաոլան հանկարծ ետ քաշվեց նրանից, նստեց ու նորից ձեռքերով ծածկեց շառագունած դեմքը։

— Դուք ինձ չեք հասկանում, Իվեն... Ես սիրում եմ Դիկին։ Ես միշտ կսիրեմ նրան։

— Իսկ ի՞նձ,— խանդով հարցրեց Գրեհեմը։

— Իհարկե,— ժպտաց նա։— Դիկից բացի, դուք միակն եք, որն ինձ այդպես... համբուրեց, և որին ես այդպես համբուրեցի։ Բայց ես ոչ մի դեպքում չեմ կարող այդ քայլն անել։ Եռանկյունին, ինչպես դուք անվանում եք մեր հարաբերութչունները, պետք է լուծվի ոչ իմ կողմից։ Ինքս այդքան ուժ չունեմ։ Ես անդադար համեմատում եմ ձեզ երկուսիդ, գնահատում եմ, կշռադատում։ Հիշում եմ Դիկի հետ ապրած բոլոր տարիներս։ Եվ հետո հարցնում եմ սրտիս... Եվ ես չգիտեմ։ Չգիտեմ... Դուք մեծ մարդ եք, և ինձ մեծ սիրով եք սիրում։ Բայց Դիկը ձեզնից ավելի մեծ է։ Դուք ավելի մոտ եք հողին, դուք... ինչպե՞ս ասեմ, դուք ավելի մարդկային եք թերևս։ Եվ հենց այդ պատճառով էլ ձեզ ավելի ուժգին եմ սիրում... կամ, ծայրահեղ դեպքում, ինձ թվում է, որ ուժգին եմ սիրում։

Սպասեք,— շարունակեց նա, պահելով Իվենի՝ դեպի իրեն ձգվող անհամբեր ձեռքը,— ես դեռ լրիվ չեմ ասել ձեզ։ Ես հիշում եմ իմ ու Դիկի ողջ անցյալը, պատկերացնում եմ, թե ինչպիսին է նա այսօր և ինչպիսին կլինի վաղը... Եվ չեմ կարողանում հանդուրժել այն միտքը, թե ինչ֊որ մեկը խղճալու է իմ ամուսնուն... որ դուք խղճալու եք նրան. իսկ դուք նրան չխղճալ չեք կարող, երբ ես ասում եմ, որ ձեզ ավելի եմ սիրում։ Ահա թե ինչու ոչ մի բանում վստահ չեմ ես, ահա թե ինչու անմիջապես ետ եմ վերցնում այն ամենը, ինչ ասում եմ... և ոչինչ չգիտեմ...

Ես ամոթից կմեռնեի, եթե իմ պատճառով որևէ մեկը խղճար Դիկին։ Ազնիվ խոսք։ Ես ավելի զարհուրելի բան չեմ կարող պատկերացնել։ Դա կնվաստացնի ինձ։ Ոչ ոք երբևէ չի խղճացել նրան։ Նա միշտ եղել է վերևում, միշտ ուրախ, երջանիկ, վստահ, անհաղթելի։ Ավելին, նա արժանի էլ չէ, որ խղճան իրեն։ Եվ ահա իմ և... ձեր մեղքով, Իվեն...

Նա կտրուկ կերպով հեռու վանեց Իվենի ձեռքը։

— ...Այն ամենը, ինչ անում ենք, ձեր յուրաքանչյուր հպումն իսկ արդեն խղճահարության մի առիթ է։ Մի՞թե դուք չեք հասկանում, թե այս ամենի մեջ ինչպես եմ խճճվել։ Եվ հետո... չէ՞ որ ես հպարտություն էլ ունեմ։ Դուք տեսնում եք, որ նրա նկատմամբ ես անազնիվ եմ վարվում... նույնիսկ այսպիսի մանրուքներում,— Պաոլան դարձյալ բռնեց նրա ձեռքն ու սկսեց շոյել մատների թեթև հպումով,— և դա վիրավորում է ձեր նկատմամբ ունեցած իմ սերը, նվաստացնում է, չի կարող չնվաստացնել ձեր աչքին։ Ես ցնցվում եմ այն մտքից, որ թեկուզ սա,— Պաոլան նրա ձեռքը սեղմեց իր այտին,— ձեզ իրավունք է տալիս խղճալ նրան, և ինձ՝ դատապարտել։

Նա զսպում էր իր այտին հպված այդ ձեռքի անհամբերությունը, հետո գրեթե մեքենաբար շրջեց այն, երկա՜ր, երկա՜ր նայեց ու դանդաղ համբուրեց ափը։ Մի ակնթարթ անց Իվենը դեպի իրեն քաշեց նրան, ու Պաոլան արդեն նրա գրկումն էր։

— Այ, տեսնո՞ւմ եք,— կշտամբանքով ասաց Պաոլան ազատվելով նրա գրկից։

— Դուք ինչո՞ւ եք անդադար ինձ պատմում Դիկի մասին,— հարցրեց Գրեհեմը մի ուրիշ անգամ, զբոսանքի ժամանակ, երբ նրանց ձիերը քայլում էին կողք֊կողքի։— Որպեսզի ինձ պահեք հեռավորության վրա՞։ Որպեսզի պաշտպանվե՞ք ինձնից։

Պաոլան գլխով արեց և ապա ասաց.

— Ոչ, այդպես չէ։ Դուք ախր գիտեք, որ ես չեմ ուզում ձեզ պահել հեռավորության վրա... շատ մեծ հեռավորությանվրա։ Ես պատմում եմ այս ամենը, որովհետև Դիկն անդադար զբաղեցնում է իմ միտքը։ Ախր տասներկու տարի շարունակ միայն նա է զբաղեցրել։ Եվ մեկ էլ, հավանաբար, այն պատճառով, որ մտածում եմ նրա մասին։ Հասկացեք, թե ինչպիսի վիճակ է ստեղծվել։ Դուք քայքայեցիք իդեալական ամուսնությունը...

— Գիտեմ,— ասաց նա։— Քայքայողի իմ դերն այնքան էլ սրտովս չէ։ Այդ դուք եք ստիպում խաղալ, ինձ հետ մեկնելու փոխարեն։ Ես ի՞նչ անեմ։ Ամեն կերպ ջանում եմ մոռանալ, չմտածել ձեր մասին։ Այս առավոտ մի կես գլուխ գրեցի, բայց գիտեմ, որ ոչինչ չի ստացվել,— ստիպված վերամշակելու եմ,— որովհետև չեմ կարող չմտածել ձեր մասին։ Ի՜նչ է Հարավային Ամերիկան և նրա մարդաբանությունը ձեզ հետ համեմատած։ Իսկ երբ ձեր կողքին եմ, ձեռքերս գրկում են ձեզ, նախքան հասցնում եմ ինքս ինձ հաշիվ տալ, թե ինչ եմ անում։ Եվ, աստված վկա, դուք ուզում եք դա, մի՛ ժխտեք։

Պաոլան հավաքեց սանձերը, մտադրվելով ձիուն քառատրոփ արշավի հանելու, բայց ամենից առաջ խորամանկ մի ժպիտով ասաց.

— Այո, ես ուզում եմ դա, սիրելի քայքայող։

Նա և՛ հանձնվում էր և՛ պայքարում։

— Ես սիրում եմ ամուսնուս, մի՛ մոռացեք այդ,— նախազգուշացրեց նա Գրեհեմին, իսկ մեկ րոպե անց Իվենն արդեն իր գրկում էր սեղմել նրան։

— Փառք աստծո, մենք այսօր միայն երեքով ենք,— մի անգամ բացականչեց Պաոլան և, բռնելով Դիկի ու Գրեհեմի ձեռքերը, նրանց քարշ տվեց դեպի մեծ սենյակում գտնվող Դիկի սիրելի գահավորակը։— Եկեք նստենք ու իրար տխուր պատմություններ պատմենք արքաների մահվան մասին։ Եկեք այստեղ, միլորդներ և վսեմափայլ ջենտլմեններ, խոսենք Արմաքեգոնի ճակատամարտի մասին, երբ մայր կմտնի վերջին օրվա արևը։

Նա շատ ուրախ էր, և Դիկը զարմանքով տեսավ, որ կինը սիգարեթ է ծխում։ Իրենց ամուսնության տասներկու տարիների ընթացքում Պաոլայի ծխած սիգարեթները նա կարող էր հաշվել մատների վրա. և այն էլ ծխում էր քաղաքավարությունից դրդված, որևէ ծխող հյուրի ընկերակցելու նպատակով։ Քիչ անց, երբ Դիկը իր ու Գրեհեմի համար սոդայաջրով վիսկի լցրեց, Պաոլան զարմացրեց ամուսնուն՝ խնդրելով մի բաժակ վիսկի էլ իր համար։

— Տե՛ս, սա շոտլանդական վիսկի է,— զգուշացրեց Դիկը։

— Ոչի՛նչ, շա՜տ քիչ,— պնդեց Պաոլան,— և մենք խմելուց հետո կլինենք որպես երեք հինավուրց, լավ ընկերներ ու կզրուցենք այս աշխարհի եղած֊չեղածից։ Իսկ երբ հոգնենք, ես ձեզ համար կերգեմ «Վալկիրիայի երգը»։

Նա սովորականից ավելի շատ էր խոսում և ամեն կերպ ջանում էր ամուսնուն ստիպել, որ այսօր իրեն ցուցադրի ամբողջ փայլով։ Դիկը դա նկատեց, բայց որոշեց կատարել կնոջ ցանկությունը և հանդես եկավ շիկահեր արևային հերոսների մասին հանպատրաստից մի ելույթով։

«Նա ուզում է, որ Դիկն իրեն ցույց տա»,— մտածեց Գրեհեմը։

Բայց հազիվ թե Պաոլան հիմա ցանկանար, որպեսզի նրանք մրցեին, նա ուղղակի հիացմունքով նայում էր մարդկային ցեղի այդ երկու ներկայացուցիչներին, նրանք գեղեցիկ էին ու երկուսն էլ պատկանում էին Պաոլային։

«Նրանք խոսում են խոշոր որսի մասին,— մտածեց Պաոլան,— բայց արդյո՞ք երբևէ փոքրիկ մի կնոջ հաջողվել է այնպիսի որս բռնել, ինչպիսին են այս երկուսը»։

Պաոլան նատել էր գահավորակին, ոտքերը փեշի տակ քաշած, ու մերթ նայում էր խոր բազկաթոռում հարմարավետ տեղավորված Գրեհեմին, մերթ՝ Դիկին. արմունկին հենված՝ նա պառկել էր կնոջ մոտ, բարձերի վրա։ Պաոլան հայացքը փոխում էր մեկից դեպի մյուսը, ու երբ տղամարդիկ խոսեցին կյանքային ճակատամարտերի ու պայքարի մասին,— ողջախոհ ու սառն, ինչպես ռեալիստները,— նրա մտքերը հոսում էին միևնույն հունով, և նա արդեն կարող էր սառնարյունությամբ նայել Դիկին, առանց այն տանջող խղճահարության, որն այս օրերի ընթացքում սեղմում էր նրա սիրտը։

Պաոլան հպարտանում էր նրանցով,— ասենք ո՞ր կինը չէր հպարտանա այդքան վայելուչ, գեղեցիկ տղամարդկանցով,— բայց արդեն չէր խղճում ամուսնուն։ Նրանք իրավացի են։ Կյանքը խաղ է։ Այդ խաղում հաղթում են ամենաճարպիկները, ամենաուժեղները։ Մի՞թե նրանք բազմիցս չեն մասնակցել այդպիսի պայքարի, այդպիսի մրցակցության։ Իսկ ինչո՞ւ Պաոլային էլ չի կարելի։ Եվ որքան նայում ու լսում էր նրանց, այնքան այդ հարցը Պաոլայի առջև հառնում էր ավելի համառորեն։

Նրանք բնավ էլ անաքորեթեսներ չէին, այդ երկուսը, և հավանաբար, իրենց շատ բան էին թույլ տալիս այն անցյալում, որից, հանելուկի նման, մտել էին Պաոլայի կյանքի մեջ։ Նրանք անց էին կացրել այնպիսի օրեր և այնպիսի գիշերներ, որոնք կանանց համար,— գոնե այնպիսի կանանց, ինչպիսին էր Պաոլան,— արգելված էին։ Ինչ վերաբերում է Դիկին, ապա նա աշխարհով մեկ թափառելիս,— Պաոլան անձամբ էր այդ մասին զանազան խոսակցություններ լսել,— մերձեցել էր բազմաթիվ կանանց հետ։ Տղամարդիկ միշտ էլ տղամարդ են մնում, հատկապես այնպիսիները, ինչպիսին են այս երկուսը։ Եվ Պաոլային այրեց նրանց պատահական, անհայտ ընկերուհիների նկատմամբ ծնված խանդը, ու նրա սիրտը քարացավ։ «Նրանք ուզածի պես են ապրել և երբեք չեն իմացել, թե ինչ է մերժումը»,— հիշեց նա Կիպլինգի տողը։

Խղճա՞լ։ Իսկ ինչո՞ւ Պաոլան պետք է խղճա նրանց ավելի, քան նրանք խղճում են իրեն։ Այդ ամենը չափից դուրս անպարփակ է, չափից դուրս տարերային, և տեղ չկա խղճահարության համար։ Նրանք երեքով մտել են խոշոր խաղի մեջ, և մեկնումեկը պետք է տանուլ տա։ Մտքերով տարված՝ Պաոլան արդեն պատկերացնում էր խաղի հնարավոր ելքը։ Սովորաբար նա վախենում էր այդպիսի մտմտուքներից, բայց բաժակ վիսկին համարձակություն էր տվել նրան։ Ու հանկարծ նա տեսավ, որ վախճանը սարսափելի է լինելու. նա այդ վախճանը ասես տեսնում էր մուժի միջով, բայց այն սարսափելի էր։

Նրան սթափեցրեց Դիկը. նա մատը շարժում էր Պաոլայի աչքերի առջև, ասես հեռու վանելով ինչ-որ մի տեսիլ։

— Աչքիդ ինչ֊որ բա՞ն է երևում,— ծաղրեց նա կնոջը՝ ջանալով որսալ նրա հայացքը։

Դիկի աչքերը ծիծաղում էին, բայց Պաոլան այնտեղ ինչ-որ բան որսաց, որն ստիպեց նրան խոնարհելու երկար թարթիչները։ Դիկը գիտեր։ Այլևս կասկած լինել չի կարող։ Դիկը գիտեր։ Հատկապես այդ բանը կարդաց Պաոլան նրա աչքերում և փախցրեց հայացքը։

— «Ցինտիա՜, Ցինտիա՜, ինձ թվաց...»— ուրախ երգել սկսեց Պաոլան. ու երբ Դիկը նորից խոսեց, Պաոլան ձեռքը պարզեց նրա կիսատ բաժակին ու մի կում արեց։

Թող լինի, ինչ լինելու է, ասաց նա յուրովի, իսկ խադը ինքը կշարունակի։ Թեև դա խենթություն է, բայց դա է կյանքը, ինքը ապրում է։ Այդքան լիությամբ նա երբեք չէր ապրել։ Եվ խաղը, իսկապես, արժեր, ինչպիսին էլ լիներ հատուցումը։ Սե՞ր։ Մի՞թե ինքը երբևէ իսկապես սիրել է Դիկին այն սիրով, որին հիմա ընդունակ է։ Այդ տարիների ընթացքում արդյո՞ք նա քնքշությունն ու սովորույթը սիրո տեղ չի ընդունել։ Պաոլայի հայացքը ջերմացավ, երբ նայեց Գրեհեմին. այո, Գրեհեմը հափշտակել է Պաոլային, ինչպես երբեք չէր հափշտակել Դիկը։

Նա սովոր չէր այդքան թունդ խմիչքների, և նրա սիրտը սկսեց արագ աշխատել, իսկ Դիկը, ասես պատահաբար կնոջը նայելով, շատ լավ հասկացավ, թե ինչու են այդքան պայծառ փայլում նրա աչքերը և այրվում այտերն ու շուրթերը։

Դիկն սկսեց ավելի ու ավելի քիչ խոսել, և զրույցը, ասես ընդհանուր պայմանավորվածությամբ, մարեց։

Վերջապես նա ժամացույցին նայեց, ոտքի ելավ, հորանջեց, ճգվեց ու ասաց.

— Ժամանակն է քնելու։ Սպիտակամորթին քիչ ժամանակ է մնացել քնելու համար։ Ի՞նչ ես ասում, քնելուց առաջ չխմե՞նք, Իվեն։

Գրեհեմը գլխով արեց, երկուսն էլ պնդանալու ցանկություն էին զգում։

— Իսկ դո՞ւ,— հարցրեց Դիկը կնոջը։

Բայց Պաոլան գլուխը շարժեց, մոտեցավ դաշնամուրին և սկսեց հավաքել նոտաները. տղամարդիկ իրենց համար խմիչք էին պատրաստում։

Գրեհեմը իջեցրեց դաշնամուրի կափարիչը, իսկ Դիկն արդեն սպասում էր շեմքին կանգնած, ու երբ նրանք երեքով դուրս եկան սենյակից, Դիկը մի քանի քայլ առջևից էր գնում։ Պաոլան խնդրեց Գրեհեմին՝ մարել բոլոր այն սենյակների լույսերը, որտեղով իրենք անցնում էին։

Այնտեղ, ուր Գրեհեմը պետք է թեքվեր դեպի իր աշտարակը, Դիկը կանգ առավ։

Գրեհեմը մարեց վերջին լամպը։

— Այդ մեկը չէ... հիմարի՜կ,— լսեց Պաոլայի ձայնը Դիկը։— Այդ մեկը ամբողջ գիշեր վառ է մնում,

Դիկն այլևս ոչինչ չլսեց, բայց արյունը խփեց նրա գըլխին։ Նա անիծեց իրեն, նա հիշեց, որ ժամանակին ինքն էր համբուրվում՝ օգտվելով մթությունից։ Եվ այժմ միանգամայն պարզ կերպով պատկերացրեց, թե ինչ տեղի ունեցավ մի ակնթարթ տևող մթության մեջ, մինչև որ լամպը նորից վառվեց։

Դիկը սիրտ չէր անում նայել նրանց դեմքին, երբ հասան իրեն։ Նա չէր ցանկանում նաև տեսնել, թե ինչպես են Պաոլայի պատվախնդիր աչքերը թաքնվում հակված թարթիչների տակ. նա դանդաղում և կրծոտում էր սիգարը, իզուր բառեր որոնելով անկաշկանդ հրաժեշտի համար։

— Ինչպե՞ս է առաջ գնում ձեր գիրքը։ Ո՞ր գլուխն եք գրում,— վերջապես գոչեց նա հեռացող Գրեհեմի հետևից ու զգաց, որ Պաոլան դիպավ իր ձեռքին։

Դիկի ձեռքը բռնած ու ճոճվելով՝ Պաոլան քայլում էր նրա կողքով ու թռչկոտում, ճիշտ չարաճճի աղջնակի պես։ Իսկ Դիկը տխրամած մտածում էր այն մասին, թե ինչպիսի խորամանկություն նա կհորինի, որպեսզի այսօր էլ խուսափի սովորական համբույրից, որից արդեն այնքա՜ն վաղուց խուսափում էր։

Երևի Պաոլան այնպես էլ չհասցրեց որևէ բան հորինել, ու նրանք հասան այնտեղ, որտեղ պետք է բաժանվեին տարբեր կողմեր։ Ուստի, դեռ ճոճելով Դիկի ձեռքը և աշխուժորեն շատախոսելով, Պաոլան նրան ճանապարհ դրեց մինչև աշխատասենյակ։ Եվ այստեղ Դիկը հանձնվեց։ Նրան չբավականացրեց ոչ ուժ, ոչ էլ համառություն, որպեսզի սպասի մի նոր խորամանկության։ Ձևացնելով, թե ինչ-որ բան հիշեց հանկարծ, նա կնոջը տարավ մինչև գրասեղանն ու այնտեղից վերցրեց պատահական մի նամակ։

— Ես ինձ խոսք եմ տվել պատասխանն ուղարկել հենց վաղն առավոտ, առաջին իսկ մեքենայով,— ասաց նա, սեղմելով դիկտոֆոնի կոճակը, ու սկսեց թելադրել։

Պաոլան մի առ ժամանակ դեռ բաց չէր թողնում նրա ձեռքը։ Հետո Դիկն զգաց նրա մատների սեղմումը որպես հրաժեշտ, և Պաոլան շշնջաց.

— Բարի գիշեր։

— Բարի գիշեր, զավակս,— պատասխանեց նա մեքենաբար, շարունակելով թելադրել ու ասես չնկատելով նրա հեռանալը։

Եվ շարունակեց այնքան Ժամանակ, մինչև կնոջ քայլերը մարեցին հեռվում։

Գլուխ XXVIII

Հաջորդ օրն առավոտյան Դիկը, Բլեյքին նամակների պատասխանները թելադրելիս, ամեն պահ պատրաստ էր վերջացնելու այս բոլորը։

— Զանգահարեցեք Հեննեսիին ու Մենդենհոլլին,— ասաց նա, երբ Բլեյքը հավաքեց թղթերն ու ոտքի ելավ հեռանալու համար։— Բռնացրեք նրանց մատղաշների ախոռում և ասացեք, որ այսօր թող չգան, ավելի լավ է՝ վաղն առավոտյան։

Բայց հայտնվեց Բոնբրայթն ու սովորականի պես պատրաստվեց սղագրելու Դիկի մեկժամյա զրույցը կառավարիչների հետ։

— Եվ մեկ էլ...— ձայն տվեց Դիկը Բլեյքի հետևից,— Հեննեսիին հարցրեք, թե ինչպես է իրեն զգում, ծերուկ Բեսսին։ Նա երեկ իրիկնադեմին շատ վատ վիճակի մեջ էր,- բացատրեց Դիկը Բոնբրայթին։

— Միստր Հենլին ուզում է անմիջապես խոսել ձեզ հետ, միստր Ֆորրեսթ,— ասաց Բոնբրայթը ու, տեսնելով, որ շեֆը դժկամությամբ ու զարմանքով վեր քաշեց ունքերը, ավելացրեց։— Խոսքը Բյուքենյան ամբարտակի մասին է։ Ինչ֊որ բան չի ստացվում, ինչպես ծրագրված էր... ըստ երևույթին, մեծ սխալ է թույլ տրված...

Դիկը զիջեց ու մեկ ժամ շարունակ խորհրդակցեց իր կառավարիչների հետ։

Ուորդմենի հետ՝ ոչխարներին լողացնելու ախտահանիչ լուծույթի մասին տաք վիճաբանության ժամանակ, նա ոտքի ելավ ու մոտեցավ պատուհանին, լսելով ինչ-որ ձայներ, սմբակների դոփյուն և Պաոլայի ծիծաղը։

— Օգտվեցեք Մոնթանի հաշվետվությունից, ես հենց այսօր ձեզ կուղարկեմ պատճենը,— շարունակեց նա՝ պատուհանից դուրս նայելով։— Այնտեղ պարզել են, որ այդ լուծույթը բանի պետք չէ։ Ազդում է ավելի շուտ որպես հանգստացնող միջոց, բայց մակաբույծներին չի ոչնչացնում։ Արդյունքն անբավարար է։

Պատուհանի մոտով սլացավ չորս հոգուց բաղկացած հեծելախումբը։ Պաոլան գնում էր Ֆորրեսթի երկու ընկերների՝ նկարիչ Մարտֆնեսի և քանդակագործ Ֆրեյլիգի հետ, որոնք հենց նոր էին ժամանել առավոտյան գնացքով։ Չորրորդը Սելիմին հեծած Գրեհեմն էր, նա ետ էր մնացել մյուսներից, բայց միանգամայն պարզ էր, որ շատ շուտով այդ չորս հեծյալները կբաժանվեն երկու զույգի։

Հազիվ էր խփել ժամը տասնմեկը, երբ իր տեղը չգտնող Դիկը, մռայլադեմ, ծխախոտը ձեռքին, դուրս եկավ մեծ բակ. բազմաթիվ նշաններից կռահելով, որ Պաոլան բոլորովին լքել է իր ոսկե ձկներին, Դիկը դառնորեն ծիծաղեց։ Նա լելով դրանց, նա հիշեց Պաոլայի սեփական ներքին բակի մասին, որտեղ նույնպես մի ավազան կար. Պաոլան այնտեղ էր պահում ահմենահազվագյուտ ու գեղեցիկ ձկները։ Նա վճռեց գնալ այնտեղ ու քայլեց, իր բանալիով բացելով բռնակ չունեցող դռները և ընտրելով այն անցուղիները, որոնք, բացի Դիկից, հայտնի էին միայն Պաոլային ու մեկ էլ ծառաներին։

Պաոլայի ներքին բակը Դիկի ամենահիանալի նվերներից մեկն էր, որ նա տվել էր իր երիտասարդ կնոջը։ Սիրահարի շռայլությունից հուշված այդ բակը կարող էր իրականություն դառնալ միայն այդօրինակ արքայական շահույթների դեպքում։ Նա Պաոլային լիակատար հնարավորություն էր տվել բակը պատրաստելու սեփական ճաշակով և պնդել էր, որպեսզի նա չխուսափի խելքից ու մտքից դուրս ծախսերից անգամ։ Դիկին արտակարգ հաճույք էր պատճառում իր երբեմնի խնամատարներին Պաոլայի չեքագրքույկի շշմեցնող գումարներով ծաղրելը։ Բակը ոչ մի կերպ կապված չէր Մեծ տան ընդհանուր հատակագծի հետ։ Այդ վիթխարի շինության խորքերում թաքնված լինելով՝ բակը չէր խախտում ըադհանուր ուրվագիծն ու գեղեցկությունը։ Եվ հազվագյուտ մարդիկ էին տեսել այդ սքանչելի անկյունը։ Բացառությամբ Պաոլայի քույրերի ու մեկ էլ հյուր եկած որևէ նկարիչի, այնտեղ ոչ ոք մուտք չուներ, և ոչ ոք չէր կարող հիանալ այդ բակով։ Գրեհեմը լսել էր բակի գոյության մասին, բայց, նույնիսկ չէին առաջարկել նրան դիտել։

Բակը կլոր էր ու այնքան փոքր, որ չէր զգացվում դատարկ տարածության սառնությունը, ինչպես շատ բակերում։ Տունը կառուցված էր բետոնից, իսկ այստեղ մարդու աչքերը հանգստանում էին զարմանալիորեն նուրբ երանգներ ունեցող մարմարին նայելուց։ Բակը շրջապատող կամարաշարը փոքր-ինչ կանաչավուն երանգ ունեցող ճերմակ մարմարից էր, կանաչավուն երանգը մեղմացնում էր կեսօրվա արևի փայլը։ Բաց֊կարմրավուն վարդերը փարթամորեն աճել էին սլացիկ սյուների շուրջը և փռվել հարթ ու ցածր տանիքի վրա, որը զարդարված էր ոչ թե այլանդակ քիմեռներով, այլ ծիծաղող չարաճճի մանկիկներով։ Դիկն անշտապ քայլում էր Վարդագույն մարմարե հատակին, կամարաշարի տակ, և աստիճանաբար նրա հոգին էր ներթափանցում այդ բակի գեղեցկությունը՝ թեթևացնելով ու հանգստացնելով նրան։

Բակի սիրտն ու կենտրոնը շատրվանն էր. այն բաղկացած էր խեցու պես թափանցիկ մարմարից պատրաստված, իրար հետ հաղորդակցվող ու տարբեր բարձրությունների վրա գտնվող երեք ավազաններից։ Ավազանի շուրջը չարաճճիություն էին անում վարդագույն մարմարից քան դակած, բնական մեծությամբ երեխաները։ Նրանցից մի քանիսը պատից կախված նայում էին վար՝ ներքևի ավազաններին. մեկն ագահորեն ձեռքերը պարզել էր ոսկե ձկնիկներին. մյուսը, մեջքին պառկած, ժպտում էր երկնքին. մեկ այլ երեխա հաստլիկ ոտքերը լայն դրած ձգվում էր, ոմանք կանգնած էին ջրում, ուրիշները խաղում էին ճերմակ ու կարմիր վարդանոցում, բայց բոլորն էլ այս կամ այն կերպ կապված էին շատրվանի հետ ու ինչ-որ կետում շփվում էին նրան։ Մարմարն ընտրված էր այնքան հաջող և քանդակն էլ այնքան լավ էր, որ ստեղծվում էր կյանքի լիակատար պատրանք։ Դրանք ոչ թե քերովբեներ էին, այլ մարդկային կենդանի, ջերմ մանկիկներ։

Դիկը ժպտալով նայեց նրանց ուրախ խմբին։ Նա ծխեց վերջացրեց սիգարեթը ու դեռ կանգնել էր նրանց դիմաց՝ ծխախոտի մնացորդը ձեռքին։ «Ահա թե նրան ի՛նչ էր պետք,— մտածեց նա,— երեխաներ, մանկիկներ։ Ախր նա երեխաներ շատ է սիրում։ Եվ եթե երեխաներ ունենար...»։ Նա հոգոց հանեց և, այս նոր մտքից շանթահար, զննեց ՚Պաոլայի ամենասիրելի անկյունը, վաղօրոք գիտենալով, որ չի տեսնի այնտեղ գեղեցիկ անփութությամբ նետած հյուսքը. այդ օրերին նա չէր հյուսում։

Նա չգնաց կամարաշարի հետևի փոքրիկ սրահը, որտեղ գտնվում էր կտավների ու փորագրությունների հավաքածուն, ինչպես նաև Եվրոպայի թանգարաններում գտնվող Պաոլայի սիրած արձանների մարմարե ու բրոնզե պատճենները։ Նա բարձրացավ սանդուղքով, անցավ հիասքանչ Նիքայի մոտով, որը դրված էր սանդղաբաժանի հարթակում, և շարունակեց բարձրանալ վեր՝ դեպի բնակելի սենյակները, որոնք զբաղեցնում էին կողաշենքի ամբողջ վերին հարկը։ Բայց Նիքայի մոտ նա մի պահ կանգ առավ ու նայեց ցած, բակին։ Վերևից այդ բակը նման էր ձևով ու գույներով կատարյալ ազնիվ գեմաքարի։ Եվ Դիկը պետք է խոստովաներ, որ չնայած այդ մտահղացումն իրականացնելու միջոցները տվել էր ինքը, սակայն մտահղացումն ամբողջությամբ պատկանում էր Պաոլային. այս գեղեցկությունը նրա ստեղծածն էր։ Պաոլան երկար ժամանակ երազում էր այսպիսի բակի մասին, և Դիկը նրան հնարավորություն էր տվել իրականացնել այդ երազը։ Իսկ այժմ, մտածեց Դիկը, Պաոլան մոռացել է նաև բակի մասին։ Պաոլան շահախնդիր չէր. Դիկն այդ բանը շատ լավ գիտեր, և եթե նա ինքը ուժ չունի Պաոլային պահելու, ապա այս բոլոր խաղալիքներով հնարավոր չի լինի երբեք խլացնել կնոջ սրտի կանչը։

Դիկն աննպատակ թափառում էր կնոջ սենյակում, գրեթե չտեսնելով առանձին առարկաները, բայց այդ ամենը ընդգրկելով սիրատենչ հայացքով։ Այստեղ ամեն առարկա պերճախոս կերպով պատմում էր տանտիրուհու ինքնատիպության մասին։ Բայց երբ Դիկը մտավ ցածր, հռոմեական ավազանով լողասենյակը, այնուամենայնիվ չկարողացավ չնկատել, որ ծորակից մի քիչ կաթում է, և վճռեց հենց այսօր այդ մասին հայտնել փականագործին։

Իհարկե, Դիկը նայեց նաև կտավակալին, բնավ էլ չսպասելով, թե մի նոր գործ կտեսնի, բայց խաբվեց. նրա առջև գտնվում էր սեփական դիմանկարը։ Նա գիտեր Պաոլայի սովորությունը. Պաոլան կեցվածքն ու հիմնական ուրվագծերը վերցնում էր լուսանկարից, իսկ հետո մնացյալը լրացնում էր հիշողությամբ։ Տվյալ դեպքում նա օգտագործել էր, մի շատ հաջող ակնթարթային լուսանկար, երբ Դիկը գտնվում էր թամբի վրա։ Միակ անգամ էր ու մի պահ միայն, որ Դիկին հաջողվել էր Քմահաճին ստիպել զգաստ կանգնել. Դիկը պատկերված էր գլխարկը ձեռքին, մազերը՝ գեղարվեստական անկանոնությամբ, դեմքի բնական արտահայտությամբ։ Նա չգիտեր, որ իրեն լուսանկարում են, աչքերբ նայում էին ուղիղ ապարատին։ Ոչ մի լուսանկարիչ չէր կարող ավելի լավ որսալ նմանությունը։ Պաոլան լուսանկարը տվել էր մեծացնելու և այժմ նկարում էր կտավի վրա։ Բայց այդ դիմանկարն այլևս դադարել էր սոսկ լուսանկար լինելուց. Դիկը ճանաչեց Պաոլային բնորոշ մաներան։

Հանկարծ նա ցնցվեց ու ավելի ուշադիր զննեց։ Մի՞թե դա իր աչքերի, իր դեմքի արտահայտությունն է։ Նա դարձյալ նայեց լուսանկարին, այդ արտահայտությունը լուսանկարում չկար։ Նա մոտեցավ հայելիներից մեկին և, իրեն անտարբեր տեսք տալով, սկսեց մտածել Պաոլայի ու Գրեհեմի մասին։ Եվ աստիճանաբար նրա դեմքին ու աչքերում հայտնվեց այդ նույն արտահայտությունը։ Դրանով չբավարարվելով, նա մոտեցավ կտավակալին ու նորից նայեց իր դիմանկարին, որպեսզի ստուգի իր տպավորությունը։ Պաոլան գիտեր։ Պաոլան գիտեր, որ Դիկը գիտե։ Պաոլան դուրս էր կորզել այդ գաղտնիքը, բռնացրել էր այն րոպեներից մեկը, երբ այդ նոր արտահայտությունը, առանց Դիկի գիտակցության, հայտնվել էր դեմքին, ու դա փոխադրել էր կտավի վրա։

Հանդերձասենյակից հայտնվեց Պաոլայի նաժիշտը՝ չինուհի Օյ-Լյան։ Նաժիշտը Դիկին չնկատեց ու մոտենում էր խոր մտահոգության մեջ, աչքերը խոնարհած։ Նրա դեմքը թախծոտ էր, և այլևս ունքերը չէր բարձրացնում, մի սովորություն, որ առիթ էր հանդիսացել մականվան համար։ Դեմքին չկար սովորական զարմանքը. չինուհին ընկճված էր թվում։

«Ինչպես երևում է, մեր բոլորի դեմքերն էլ սկսել են մատնել իրենց գաղտնիքները»,— մտածեց Դիկը։

— Բարի լույս, Օյ֊Լյա,— ձայն տվեց Դիկը։

Նաժիշտը պատասխանեց Դիկի ողջույնին. նրա աչքերում Ֆորրեսթը տառապանք կարդաց։ Օյ֊Լյան գիտե, կողմնակի մարդկանցից նա առաջինն է, որ գիտե։ Ի՛նչ արած, հենց դրա համար էլ նա կին է։ Ի դեպ, նաժիշտը այնքան շատ է նստել Պաոլայի հետ, երբ տիրուհին եղել է տանը, որ, իհարկե, չէր կարող չգուշակել նրա գաղտնիքը։

Հանկարծ Օյ֊Լյայի շուրթերը դողացին, նա ձեռքերը սեղմեց և փորձեց խոսել։

— Միստր Ֆորրեսթ,— սկսեց նա խեղդվելով։— Թերևս դուք կարծեք, որ խելքս թռցրել եմ, բայց ուզում եմ մի բան ասել ձեզ։ Դուք շատ բարի տեր եք։ Դուք շատ բարի եք իմ ծեր մոր նկատմամբ։ Դուք իմ նկատմամբ միշտ, միշտ բարի եք եղել...

Նա կարկամեց, լիզեց չորացած շրթունքները, հետո ինքն, իրեն ստիպեց նայել Դիկի աչքերին ու շարունակեց.

— Միստը Ֆորրեսթ, ինձ թվում է, որ նա... նա...

Բայց Դիկի դեմքն հանկարծ այնպես խստացավ, որ Օյ-Լյան շփոթվեց ու կարմրեց, և Դիկը մտածեց, որ նա ամաչում է այն բանից, ինչ կամենում էր ասել։

— Լավ նկար է նկարում միսիս Ֆորրեսթը, ճի՞շտ է,— նկատեց նա, որպեսզի նաժիշտին սթափվելու հնարավորություն տա։

Չինուհին հառաչեց ու, երբ հայացքը հառեց Դիկի դիմանկարին, աչքերում նորից հայտնվեց տառապանքը։

— Այո, միսիս Ֆորրեսթը շատ լավ նկար է նկարում։

Չինուհին հանկարծ նրան նայեց խորաթափանց ու անթարթ հայացքով, ասես ուսումնասիրելով նրա դեմքը, հետո դարձյալ մոտեցավ դիմանկարին ու ցույց տալով աչքերը, ասաց.

— Լավ չէ։

Չինուհու ձայնը հնչեց կտրուկ ու բարկացկոտ։

— Լավ չէ,— նորից ասաց նա, ավելի բարձր, ավելի կտրուկ, և անհետացավ Պաոլայի ննջարանում։

Դիկն ակամայից ձգվեց, ասես պատրաստվելով արիաբար դիմավորելու այն, ինչ շուտով փլվելու էր գլխին։ Ի՞նչ արած, դա ավարտի սկիզբն է։ Օյ֊Լյան գիտե։ Շուտով կիմանան նաև մյուսները։ Որոշակի իմաստով նա նույնիսկ ուրախ էր դրա համար, ուրախ էր, որ սպասումի տառապանքը հիմա երկար չի շարունակվի։

Այնուամենայնիվ, սենյակից դուրս գալով, նա արդեն մի ուրախ մեղեդի էր սուլում, կամենալով չինուհուն հասկացնել, որ իր տեսակետով առայժմ ամեն բան բարեհաջող է։

Այդ նույն օրը, օգտվելով առիթից, որ Դիկը զբոսանքի դուրս եկավ Ֆրեյլիգի, Մարտինեսի ու Գրեհեմի հետ, Պաոլան իր հերթին, գաղտնի ուխտագնացություն կատարեց ամուսնու կողաշենքը։ Մտնելով Դիկի համար որպես ննջարան ծառայող պատշգամբը, նա հայացքը պատեց կոճակների, անկողնի գլխին կախված հեռախոսի, որը Դիկին հաղորդակից էր դարձնում ծառայողների ու ամբողջ Կալիֆորնիայի հետ, պտտվող պատվանդանով դիկտոֆոնի, խնամքով դարսված գրքերի, ամսագրերի ու գյուղատնտեսական բյուլետենների, որոնք սպասում էին ընթերցվելու, մոխրամանի, ծխախոտի, նոթատետրերի, թերմոսի վրա։

Պաոլայի ուշադրությունը գրավեց իր դիմանկարը. սենյակի միակ այդ զարդարանքը։ Լուսանկարը կախված էր ծանրաչափի ու ջերմաչափերի վրա, որոնք, ինչպես հայտնի էր, շատ հաճախ էին գրավում Դիկի հայացքն ու ուշադրությունը։ Տարօրինակ մի երևակայությամբ նա ծիծաղող դիմանկարը դեմքով դարձրեց դեպի պատը, տեսավ շրջանակի դատարկ ուղղանկյունին, հայացքը հառեց անկողնին ու դարձյալ դեպի պատը, և հանկարծ, ասես սարսափահար, ծիծաղող դիմանկարը աճապարանքով կախեց նորից դեմքով դեպի սենյակը։ «Այո, նա իր տեղումն է այստեղ,— մտածեց Պաոլան։— Տեղումն է»։

Հետո նրա հայացքը կանգ առավ պատյանի մեջ գտնվող ավտոմատ մեծ ատրճանակի վրա, որը կախված էր Դիկի մահճակալին շատ մոտիկ, այնքան մոտիկ, որ բավական էր միայն ձեռքը պարզել պատյանից հանելու համար։ Պաոլան ձեռքն առավ ատրճանակը։ Այո, ինչպես պետք էր սպասել, ձգանը ապահովիչի վրա չէ. այդպես է Դիկի սովորությունը, որքան էլ առանց օգտագործելու մնա ատրճանակը, նա թույլ չի տալիս երկար ընկած մնալ պատյանի մեջ։

Վերադառնալով աշխատասենյակ՝ Պաոլան դանդաղ քայլեց այնտեղ, մտախոհ զննելով վիթխարի քարտարանները, քարտեզներով ու պատճենահանված գծագրերով պահարանները, տեղեկագրքերով ծանրաբեռնված պտտվող դարակները և խնամքով կազմված տոհմագրական մատյանների երկար շարքերը։ Ի վերջո, նա հասավ նաև գրադարան, այնտեղ բազմաթիվ գրքույկներ կային, շապկի մեջ առնված ամսագրային հոդվածներ և տասնյակ հաստափոր գիտական գրքեր։ Նա բարեխղճորեն կարդաց վերնագրերը. «Եգիպտացորենը Կալիֆորնիայում», «Կերի սիլոսացումը», «Շիրերը Ամերիկայում», «Սևահողի փխրեցումը», «Առվույտը Կալիֆորնիայում», «Ընդերքակազմավորում», «Բարձր բերքը Կալիֆորնիայում», «Ամերիկյան շորթհորնները»։ Վերջին վերնագիրը կարդալով, նա քնքշորեն ժպտաց, հիշելով այն աշխույժ մտքերի փոխանակությունը, որ Դիկը վարում էր՝ պնդելով կաթնատու և մսատու կովերը զանազանելու անհրաժեշտության վրա, նրանց դեմ, ովքեր ապացուցում էին, թե պետք է միաժամանակ երկու պահանջներին էլ բավարարող կովեր բուծել։

Նա ափով շոյեց գրքերի կողերը, այտով հպվեց նրանց, ու փակեց աչքերը։ Օ՜հ, Դիկ։ Ինչ֊որ միտք ծնվեց նրա գլխում և անմիջապես էլ մարեց, սրտում մի աղոտ թախիծ թողնելով, քանզի Պաոլան չհամարձակվեց այն զարգացնել մինչև վերջ։

Որքա՜ն յուրահատուկ է այս գրասեղանը Դիկի համար։ Ոչ թափթփվածություն կա և ոչ էլ չավարտված աշխատանքի որևէ հետք։ Միայն մետաղալարե զամբյուղի մեջ նամակների մեքենագրած պատասխաններն էին, որ սպասում էին նրա ստորագրությանը և մեկ էլ հեռախոսով Էլդորադոյից ստացված հեռագրերի արտակարգ կույտն էր, որոնք քարտուղարների կողմից վերամեքենագրած էին բլանկների վրա։ Պաոլան ցրված հայացքով կարդաց ամենավերին հեռագրի տողերն ու հանդիպեց իրեն խիստ հետաքրքրող մի հաղորդագրության։ Նա ունքերը կիտած, նորից կարդաց այն, մինչև որ գտավ իրեն ապշեցրած լուրի հաստատումը։ Զոհվել էր Ջերեմի Բրեքսթոնը՝ այդ բարձրահասակ, ուրախ և բարի մարդը։ Մեքսիկացի հարբած պեոնների խումբը նրան սպանել էր սարերում, երբ Բրեքսթոնը ցանկացել էր Հարվեսթի հանքերից փախչել Արիզոնա։ Հեռագիրն ստացվել էր երկու օր առաջ, և արդեն երկու օր էր, ինչ Դիկը գիտեր այդ մասին, բայց չէր ասել, որպեսզի չհուզի Պաոլային։ Դրա մեջ կար նաև այլ իմաստ. Բրեքսթոնի մահը նշանակում էր դրամական մեծ կորուստ, Հարվեսթի հանքերում գործերի ընթացքն, ըստ երևույթին, ավելի ու ավելի է վատանում։ Այո, այդպիսին է Դիկը։

Ուրեմն, Բրեքսթոնը զոհվել է։ Պաոլային թվաց, որ սենյակը հանկարծ ցրտեց։ Նա սարսուռ զգաց։ Այդպես է կյանքը, մեզնից յուրաքանչյուրի ճանապարհի վերջում սպասում է մահը։ Եվ դարձյալ նրան պարուրեց միևնույն վախն ու սարսափը։ Նրա առջև ուրվագծվում էր կործանումը։ Բայց ո՞ւմ կործանումը։ Նա լուծում չորոնեց։ Բավական է այն, որ դա կործանում է։ Սարսափը ճնշեց նրա հոգին, և այս խաղաղ սենյակի օդը նույնիսկ նրան հեղձուցիչ թվաց։ Պաոլան դանդաղ դուրս եկավ։

Գլուխ XXIX

— Մեր փոքրիկ տիրուհին թռչնակի պես զգայուն է,— ասաց Թերենսը, սկուտեղից վերցնելով քոկթեյլը, որ ներկաներին էր հյուրասիրում Ա֊Հան։

Ճաշից առաջ էր, և Գրեհեմը, Լեոն ու Թերենս Մաք֊Ֆեյնը պատահաբար իրար հանդիպեցին բիլիարդի սենյակում։

— Ոչ, Լեո,— երիտասարդ բանաստեղծին արգելեց իռհանդացին։— Ձեզ մեկն էլ բավական է։ Առանց այդ էլ ձեր այտերն այրվում են։ Մի քոկթեյլ ևս, և դուք ձեռքից բոլորովին կգնաք։ Ձեր պատանի գլխում գեղեցկության մասին եղած գաղափարները չպետք է մշուշոտւվեն գինու գոլորշիներից։ Թող մեծերը խմեն։ Խմելու համար առանձնահատուկ տաղանդ է անհրաժեշտ։ Իսկ ինչ վերաբերում է ինձ...

Նա դատարկեց իր գավաթն ու լռեց, գնահատելով քոկթեյլը։

— Կանացի խմիչք է,— արհամարհանքով նա շարժեց գլուխը։— Չեմ հավանում։ Չի այրում։ Եվ փունջ էլ չկա։ Ոչինչ չկա։ Ա-Հա, բա րեկամս,— կանչեց նա չինացուն,— ինձ համար վիսկիով ու սոդայաջրով խառնուրդ պատրաստեք մի այսպիսի երկա՜ր-երկար բաժակի մեջ, և գիտես, այնպես, որ իսկականը չինի այսքան։— Նա հորիզոնական դիրքով ձգեց չորս մատները, ցույց տալով, թե որքան վիսկի պետք է լցնել, ու երբ Ա֊Հան հարցրեց, թե ինչպիսի վիսկի է նա կամենում, Թերենսը պատասխանեց.— Շոտլանղական կամ իռլանդական, բուրբոնյան կամ տարեկանի՝ միևնույն է։ Ինչ-որ ձեռքդ կընկնի։

Գրեհեմը միայն գլխով արեց չինացուն և, ձիծաղելով, դիմեց իռլանդացուն.

— Թերենս, ես ձեզ ոչ մի կերպ չեմ կարող հարբեցնել։ Ես չեմ մոռացել, թե ի՜նչ օրի գցեցիք Օ'Հեյին։

— Ի՜նչ եք ասում։ Ի՜նչ եք ասում։ Դա զուտ պատահականություն էր,— պատասխանեց իռլանդացին։— Ասում են, որ երբ մարդու հոգին դառնացած է, մի կաթիլն էլ նույնիսկ նրան կտապալի։

— Իսկ ձեզ պատահե՞լ է,— հարցրեց Գրեհեմը։

— Ինձ երբեք չի պատահել։ Իմ կենսափորձը խիստ սահմանափակ է։

— Թերենս, դուք ինչ֊որ բան էիք ասում... միսիս Ֆորրեսթի վերաբերյալ,— աղերսող ձայնով հիշեցրեց Լեոն։— Եվ կարծես ուզում էիք ինչ֊որ շատ լավ մի բան ասել...

— Մի՞թե նրա մասին հնարավոր է ուրիշ բան ասել,— առարկեց Թերենսը։— Ես ասացի, որ նա թռչնակի պես զգայուն է, բայց ոչ խաղտտնիկի կամ հալից ընկած տատրակի, այլ ուրախ թռչնակների պես, ասենք վայրի դեղձանիկների, որոնք լողանում են այստեղի շատրվաններում, դեսուդեն ցրելով արևափայլ ցայտերը, անդադար երգում են ու ծըլվըլում, իսկ սիրտն ասես այրվում է ոսկեհուռ կրծքում։ Փոքրիկ տիրուհին հենց նրանց պես է։ Ես շատ եմ հետևել նրան։

Այն ամենը, ինչ երկրի վյրա է, երկրի տակ ու երկնքում. բերկրանք է պատճառում և զարդարում է նրա կյանքը։ Լինի դա միրթա ծաղիկը, որ առանց իրավունքի ծիրանի է հագել այն դեպքում, երբ չի կարելի լինել ավելի վառ, քան գունատ լևանդան, կամ՝ վարդը, գիտե՞ք, այդ շքեղ «դյուշես» վարդը. քամին թեթևակի օրորում է նրան, իսկ նա հենց նոր է բացվել արևի ջերմ ճառագայթների տակ... Այդպիսի վարդի մասին մի անգամ Պաոլան ինձ ասաց. «Արշալույսի գույն ունի, Թերենս, և համբույրի ձև»։ Փոքրիկ տիրուհու համար ամեն ինչ ուրախություն է. Արքայադստեր արծաթյա խրխինջը, առավոտյան զանգակների հնչյունները, մետաքսափայլ ու գեղեցիկ անգորական այծերը, որոնք գեղատեսիլ խմբերով թափառում են լեռնալանջերում, ցանկապատերի երկայնքով ձգվող ալ ոլոռը, լանջերում և ճանապարհների կողքին աճած բարձր խոտը կամ ամառային տապից խանձված մոխրագույն սարերը, որոնք նման են թռիչքի պատրաստվող առյուծների։ Իսկ ինչպիսի՜ գրեթե զգայական հաճույքով է նա պարանոցն ու ձեռքերը պահում բարերար արևի ճառագայթների տակ։

— Նա գեղեցկության հոգին է,— ասաց Լեոն։— Այդպիսի կնոջ համար կարելի է մեռնել, ես դա միանգամայն հասկանում եմ։

— Բայց նաև կարելի է ապրել նրա համար ու սիրել այդ հիասքանչ արարածներին,— ավելացրեց Թերենսը։— Հապա, լսեք, միստր Գրեհեմ, ես մի գաղտնիք կասեմ։ Մենք՝ «Մադրոնյան պուրակի» փիլիսոփաներս, կյանքի ծովում նավաբեկության ենթարկված մարդիկ ենք, որ նետվել ենք այստեղ, այս խաղաղ ծովալճակը, ուր ապրում ենք Դիկի առատաձեռնության շնորհիվ և հանդիսանում ենք սիրահարների եղբայրություն։ Եվ մեր բոլորիս սրտի դաման մեկն է՝ փոքրիկ տիրուհին։ Մենք անհոգությամբ վատնում ենք օրերը՝ երազելով ու զրուցելով, չենք ընդունում ո՛չ աստծուն, ո՛չ սատանային, ո՛չ հայրենիք, բայց բոլորս էլ փոքրիկ տիրուհու ասպետներն ենք և ուխտել ենք նրան միշտ հավատարիմ լինել։

— Մենք պատրաստ ենք մեռնել նրա համար,— հաստատեց Լեոն, դանդաղ հակելով գլուխը։

֊— Ոչ, տդաս, մենք պատրաստ ենք ապրել ու մարտնչել նրա համար։ Մեռնելը դժվար գործ չէ։

Գրեհեմն այս խոսակցությունից ոչ մի բառ բաց չթողեց։ Պատանին, իհարկե, ոչինչ չէր հասկանում, բայց ալեհեր մազափնչի տակից սևեռուն հայացքով Գրեհեմին նայող կելտի աչքերից նա հասկացավ, որ Թերենսը ինչ֊որ բահ գիտե։

Սանդուղքի վրա լսվեցին տղամարդկանց ձայներ ու քայլեր. այն րոպեին, երբ ներս մտան Մարտինեսն ու Դար-Հիալը, Թերենսն ասաց.

— Ասում են, որ Քաթալինայում սքանչելի եղանակներ են և թյուննոսի լավ որս կա։

Ա֊Հան նորից քոկթեյլ բերեց. նա շատ զբաղված էր, քանզի նույն պահին եկան Հենքոկն ու Ֆրեյլիգը։

Թերենսը խմում էր այն խառնուրդները, որոնք անշարժ դեմքով չինացին սեփական ընտրությամբ մատուցում էր նրան, խմում էր և միաժամանակ շաղակրատում հարբեցողության վնասի ու գարշելիության մասին՝ Լեոյին համոզելով, որ չխմի։

Ներս մտավ ձեռքին մի գրություն բռնած Օ֊Տուրը և շուրջը նայեց, թե ում հանձնի արդյոք։

— Այստեղ, այստեղ, երկնային թևավորի որդի,— մոտ կանչեց նրան Թերենսը։

— Այս խնդիրքը հասցեագրված է մեզ ու բաղկացած է այսօրինակ դեպքերին հատուկ արտահայտություններից,— բարձրաձայն ասաց նա, աչքի անցկացնելով երկտողը։— Բանն այն է, որ ժամանել են Լյութն ու Էրնեստինան, և ահա թե ինչ են խնդրում նրանք։ Լսեցեք։— Եվ նա կարդաց.— «Օ՜հ, դո՛ւք, ազնիվ և փառապանծ եղջերուներ։ Երկու խեղճ, խոնարհ ու հեզ եղնիկներ միայնակ թափառում են անտառում և թույլտվություն են խնդրում ճաշից առաջ շատ կարճ ժամանակով այցելել եղջերուների հոտին, նրանց իսկ արոտավայրում»։

Ամենատարատեսակ մետաֆորներ են այստեղ օգտագործված,— ասաց Թերենսը։— Բայց և այնպես, աղջիկները միանգամայն ճիշտ են վարվել։ Նրանք գիտեն Դիկի օրենքը, և դա շատ լավ օրենք է, որ բիլիարդի սենյակ մուտք չունի և ոչ մի փեշ, բացառությամբ միայն, երբ կա տղամարդկանց միասնական համաձայնությունը։ Հապա՞, ի՞նչ է ուզում պատասխանել եղջերուների հոտը։ Ովքեր համաձայն են, թող «այո» ասեն։ Ո՞վ է դեմ։ Ընդունվում է։ Վազի՜ր, արագոտն Օ-Տուր, և այստեղ առաջնորդիր այդ տիկնանց։

— «Թագադրված արքաների մույկերը հագին»...— սկսեց Լեոն, բառերն արտասանելով ակնածանքով ու հոգատաթ սիրով։

— «Զոհասեղանները գիշերով նա կտրորի»,— շարունակեց Թերենսը։— Այս տողերը գրած մարդը մեծ մարդ է։ Նա Լեոյի ու Դիկի բարեկամն է, ես հպարտանում եմ, որ նաև իմ բարեկամն է։

— Իսկ որքան լավ է այս տունը,— շարունակեց Լեոն՝ դիմելով Գրեհեմին,— նույն սոնատից է։ Լսեցեք, թե ինչպես է հնչում. «Ունկնդրեցեք երգին արշալույսի...» Եվ հետո...— Գեղեցիկ խոսքի նկատմամբ ունեցած սիրուց նվաղոզ ձայնով պատանին կարդաց,— «Գրկին սեղմած գեղեցկությամբ մեռյալ՝ ինչպե՞ս կվերադարձնի իղձերն ապագայի»։

Նա լռեց, քանզի սենյակ մտան Պաոլայի քույրերը, ու ոտքի ելավ նրանց ողջունելու համար։

Այդ օրը ճաշն անցավ ճիշտ այնպես, ինչպես միշտ, երբ ներկա էին լինում իմաստունները։ Դիկը սովորության համաձայն կատաղորեն վիճում էր Ահարոն Հենքոկի հետ Բերգսոնի առիթով, նրա մետաֆիզիկայի վրա հարձակվելով ռեալիստի դիպուկոլթյամբ ու անողոքությամբ։

— Ձեր Բերգսոնը ոչ թե փիլիսոփա է, այլ խաբեբա, Ահարոն,— եզրակացրեց Դիկը։— Նա դեռ շալակին կրում է կախարդի հնամենի պարկը, որը լեցուն է ամեն տեսակի մետաֆիզիկական իրերով, սակայն որոնք զարդարված են գիտական նորագույն տվյալների թաղանթներով։

— Ճիշտ է,— համաձայնեց Թերենսը։— Բերգսոնը մտքի խաբեբա է։ Եվ այ թե ինչու է այդքան հանրահայտ...

— Ես ժխտում եմ...— ընդհատեց նրան Հենքոկը։

— Սպասեք մեկ րոպե, Ահարոն։ Իմ գլխով մի միտք անցավ։ Թույլ տվեք պահել այդ միտքը, քանի դեռ թիթեռնիկի նման չի թռել դեպի կապույտ երկինք։ Դիկը Բերգսոնին բռնացրեց հանցանքի վայրում, այդ փիլիսոփան քիչ գանձեր չի գողացել գիտության գանձարանից։ Նույնիսկ իր առողջ ինքնավստահությունը թռցրել է Դարվինից, Դարվինի այն ուսմունքից, ըստ որի դիմանում են ամենից հարմարվողները։ Իսկ ի՞նչ է արել հետո։ Այդ տեսությունը թեթևակիորեն թարմացրել է Ջեմսի պրագմատիզմով, քաղցրացրել է մարդու սրտում չմարող այն հույսով, որ ամեն ոքի վիճակված է նորից ապրել, ու զարդարել Նիցշեի այն գաղափարով, որ ամենից հաճախ հաջողության է հասցնում չափազանցությունը...

— Ուզում եք ասել՝ Ուայլդի գաղափարով,— ուղղեց նրան Էրնեստինան։

— Աստված է վկա, ես այն կներկայացնեի որպես իմը, եթե ձեր ներկայությունը չլիներ,— խոնարհվելով նրան՝ հառաչեք Թերենսը։— Մտքի հնավաճառները երբևէ ճշգրտորեն կորոշեն հեղինակին։ Ես անձամբ կարծում եմ, որ այդ գաղափարը գալիս է Մաթուսաղայից։ Բայց մինչ այդ, երբ ինձ սիրալիրությամբ ընդհատեցին, ես ասում էի...

— Իսկ ո՞վ է ավելի կրքոտ ինքնավստահությամբ մեղանչում, քան Դիկը,— մի փոքր անց հարցրեց Ահարոնը։ Պաոլան Գրեհեմին նայեց բազմանշանակ հայացքով։

— Ես հենց երեկ էի աչքի անցկացնում միամյա մտրուկների երամակը, հիմա էլ կարծես աչքերիս առջև է այգ գեղեցիկ տեսարանը։ Ահավասիկ, հարցնում եմ. ո՞վ է իսկական գործ անում։

— Հենքոկի առարկությունը միանգամայն հիմնավոր է,— անվստահորեն նկատեց Մարտինեսը։— Առանց գաղտնիքի աշխարհը կլիներ տափակ ու անհետաքրքիր։ Իսկ Դիկը ոչ մի գաղտնիք չի ընդունում։

— Այդ արդեն չեղա՜վ,— առարկեց Թերենսը՝ պաշտպանության տակ առնելով Դիկին։— Ես նրան լավ եմ ճանաչում։ Դիկն ընդունում է, որ աշխարհում գաղտնիքներ կան, բայց ոչ այնպփսի, որոնցով վախեցնում են երեխաներին։ Նրա համար գոյություն չունեն ոչ զարհուրելի մարդագայլեր և ոչ էլ այն ֆանտասմագորիան, որի հետ գլուխ եք դնում դուք՝ ռոմանտիկներդ։

— Թերենսը հասկանում է ինձ,— հաստատեց Դիկը։— Աշխարհը միշտ հանելուկ է մնում։ Ինձ համար մարդկային խիղճը ավելի մեծ հանելուկ չէ, քան քիմիական ռեակցիան, որի շնորհիվ ստացվում է սովորական ջուրը։ Համաձայնեք, որ դա գաղտնիք է, և այդ դեպքում բնության բոլոր բարդ երևույթները կկորցնեն իրենց խորհրդավորությունը։ Այդ սովորական քիմիական ռեակցիան նման է այն հիմնական աքսիոմներին, որի հիման վրա կառուցվում է ամբողջ երկրաչափությունը։ Նյութ և ուժ, ահավասիկ տիեզերքի հավերժական հանելուկները, և ,դրանք իրենց դրսևորում են տարածության ու ժամանակի հանելուկի մեջ։ Արտահայտությունը հանելուկ չէ. հանելուկային են միայն նրանց հիմունքները՝ նյութն ու ուժը, և մեկ էլ դրանց արտահայտության ասպարեզը՝ տարածությունն ու ժամանակը։

Դիկը լռեց ու ցրված նայեց Ա֊Հայի և Օ֊Տուրի անկիրք դեմքերին. ծառաները, սկուտեղները ձեռքներին, կանգնած էին ճիշտ նրա դիմաց։ «Նրանց դեմքերը միանգամայն անկիրք են,— մտածեց նա,— թեև ես պատրաստ եմ գրազ գալ, որ նրանք տեղյակ են այն բանին, ինչն այդպես ցնցել էր Օյ-Լյային»։

— Այ, տեսնո՞ւմ եք,— հաղթականորեն ավարտեց Թերենսը։— Լավագույնն այն է, որ նա գլխիվայր շուռ չի գա ու չի կորցնի հավասարակշռությունը։ Նա ամուր է կանգնած պինդ հողի վյրա, հենվելով օրենքներին ու փաստերին, և պաշտպանված է ամեն տեսակի երկնային երևակայություններից ու անհեթեթ զառանցանքներից...

Այդ երեկո ոչ ճաշից առաջ և ոչ էլ հետո որևէ մեկի մտքով չէր անցնի, թե Դիկն ինչ-որ բանից անհանգիստ է։ Թվում էր, թե նա անպայման ուզում է նշել Լյութի և Էրնեսաինայի ժամանումը. նա չխրախուսեց փիլիսոփաների ծանրակշիռ վեճը և զբաղված էր միայն ամեն տեսակի խոսք ու կատակով։ Պաոլան էլ վարակվեց նրա տրամադրությամբ և ամեն կերպ օգնում էր ամուսնու օյիններին։

Պարզվեց, որ ամենահետաքրքիրը ողջագուրվող համբույր խաղալն է։ Բոլոր տղամարդիկ պետք է մասնակցեին խաղին։ Գրեհեմին պատիվ տրվեց առաջինը գնալ փորձության, և նա կարող էր հետո դիտել մյուսների ձախորդությունները, որոնց Դիկը մեկ֊մեկ դուրս էր անում բակից։

Հենքոկը (Դիկը բռնել էր նրա ձեռքը) հասավ մինչև սենյակի կենտրոնը, որտեղ Պաոլան ու նրա երկու քույրերը կանգնել էին աթոռների վրա, կասկածանքով նայեց կանանց ու ասաց, որ ուզում է աթոռները շրջանցել։ Սակայն նա որևէ արտակարգ բան չնկատեց, բացի նրանից, որ ամեն մեկի գլխին տղամարդու մեկական ֆետրե գլխարկ կար։

— Դե ինչ, իմ կարծիքով վատ չէ,— ասաց Հենքոկը՝ կանգ առնելով կանանց դիմաց ու նրանց նայելով։

— Իհարկե, վատ չէ,— հաստատեց Դիկը։— Քանի որ այս կանայք մարմնավորում են ամենագեղեցիկը մեր կալվածքում, ապա ձեզ պետք է ողջագուրվող համբույր նվիրեն։ Ընտրեցեք, Ահարոն։

Ահարոնը, կտրուկ շրջվելով, ասես թե հետևում ինչ-որ մի վտանգ զգաց, հարցրեց.

— Երեքն էլ պետք է համբուրե՞ն ինձ։

— Ոչ, դուք պետք է ընտրեք նրան, ով ձեզ համբուրելու է։

— Իսկ մյուս երկուսը, որոնց ես չեմ ընտրի, դա չե՞ն համարի դիսկրիմինացիա,— հետաքրքրվեց Ահարոնը։

— Իսկ բեղերը խոչընդոտ չե՞ն լինի,— եղավ նրա հաջորդ հարցը։

— Բնավ,— հանգստացրեց նրան Լյութը։— Գոնե ես միշտ ուզեցել եմ իմանալ, թե ինչ զգացողություն ես ունենում սև բեղեր համբուրելիս։

— Շտապեցեք, շտապեցեք, այսօր այստեղ համբուրում են փիլիսոփաներին,— հայտարարեց Էրնեստինան,— միայն թե շտապեցեք, մյուսներն սպասում են։ Այսօր ինձ էլ պետք է համբուրի բեղավոր հասկերի մի ամբողջ դաշտ։

— Հապա՞, ո՞ւմ եք ընտրում,— պնդեց Դիկը։

— Էլ ի՜նչ ընտրություն,— կայտառությամբ պատասխանեց Հենքոկը։— Իհարկե, ես կհամբուրեմ սրտիս դամային, փոքրիկ տիրուհուն։

Նա գլուխը բարձրացրեg ու ձգեց շուրթերը, Պաոլան թեքվեց, և նույն պահին գլխարկի եզրից Հենքոկի դեմքին թափվեց ջրի առատ շիթը։

Երբ հերթը հասավ Լեոյին, նա խիզախությամբ ընտրեց Պաոլային և քիչ էր մնում փչացներ ամբողջ խաղը՝ ակնածանքով ծնկի գալով ու համբուրելով նրա շրջազգեստի փեշը։

— Այդպես չի կարելի,— ասաց Էրնեստինան։— համբույրը պետք է լինի ամենաիսկականը։ Բարձրացրեք ձեր գլուխը, որպեսզի կարողանան ձեզ համբուրել։

— Թող վերջինը լինի առաջինը, ի՛նձ համբուրեցեք, Լեո,— խնդրեց Լյութը, որպեսզի օգնի նրան դուրս գալու շփոթված վիճակից։

Նա երախտագիտությամբ նայեց Լյութին և ձգվեց դեպի աղջիկը, բայց գլուխը շատ ետ չտարավ, ու ջրի շիթը ծորաց օձիքից ներս։

— Իսկ ինձ թող երեքն էլ համբուրեն,— հայտարարեց Թերենսը. նրան թվում էր, թե դժվարին վիճակից դուրս գալու ելքը գտել է։— Ու ես երեք անգամ կճաշակեմ դրախտային երանությունը։

Սիրալիրության համար որպես շնորհակալություն՝ նրա գլխին թափվեցին ջրի երեք շիթեր։

Դիկի մոլուցքն ու ուրախությունը գնալով սաստկանում էին։ Ամեն ոք նրան նայելիս, երբ դռան փեղկի մեջ էր կանգնեցրել Ֆրեյլինգին ու Մարտինեսին, որպեսզի չափի նրանց հասակն ու պատասխան տա այն վեճին, թե ով է ավելի բարձրահասակ, կասեր, որ հիմա աշխարհում ավելի անհոգ ու անվրդով մարդ չկա։

— Ծնկները միասի՛ն։ Ոտքերը ուղի՛ղ։ Գլուխներդ ձի՛գ,— հրամայում էր նա։

Երբ նրանց գլուխները հպվեցին դռանը, մյուս կողմից լսվեց զարհուրելի մի թնդյուն, որից խեղճերը ցնցվեցին։ Դուռը բացվեց, ու հայտնվեց Էրնեստինան՝ գոնգին հարվածելու փայտով զինված։

Հետո Դիկը, ձեռքին բռնած բարձրակրունկ կերպասե կոշիկն ու Թերենսի հետ սավանով ծածկված, նրան սովորեցնում էր «Եղբայր Բոբ» խաղը՝ առաջացնելով մյուսների բուռն հիացմունքը։ Այդ ընթացքում հայտնվեցին նաև Մեզոնները և Ուաթսոնները՝ իրենց ուիքենբերգյան շքախմբով։

Դիկն անմիջապես պահանջեց, որպեսզի նոր ժամանած երիտասարդները նույնպես ստանան ողջագուրանքի համբույրներ։ Չնայած աղմուկ֊աղաղակին, որ բարձրացրել էին մեկուկես տասնյակ հաղթանդամ մարդիկ, նա պարզորոշ լսեց Լոտտի Մեզոնի բառերը. «Օ՜հ, միստր Գրեհեմ։ Իսկ ես կարծում էի, թե վաղուց մեկնել եք»։

Եվ Դիկը, հյուրերի այսպիսի բազմության դեպքում անխուսափելի խառնաշփոթության մեջ շարունակելով ձևացնել, թե ինքը մի մարդ է, որը չափազանց ուրախ է, աչալրջությամբ որսում էր այն զգուշավոր հայացքները, որոնցով կանայք նայում էին միայն կանանց։ Մի քանի րոպե անց նա տեսավ, թե ինչպես Լոտտի Մեզոնը գողունի, ճիշտ այդպիսի հարցական մի հայացք նետեց Պաոլայի վրա այն րոպեին, երբ սա, Գրեհեմի դիմաց կանգնած, ինչ֊որ բան էր ասում։

«Դեռ ոչ,— վճռեց Դիկը,— Լոտտիէն դեռ չգիտե։ Բայց կասկածներն արդեն ծնվում են, և, իհարկե, ոչինչ այնպես չի ուրախացնի կանացի հոգին, ինչպես այն հայտնագործությունը, որ անարատ, հպարտ Պաոլան ճիշտ այնպիսին է, ինչպես մյուս բոլոր կանայք, և ունի միևնույն թուլությունները»։

Լոտտի Մեզոնը բարձրահասակ, մոտ քսանհինգ տարեկան, աչքի ընկնող թխահեր մի աղջիկ էր, անտարակույս գեղեցիկ, և ինչպես Դիկը համոզվեց, անտարակույս շատ համարձակ։ Ոչ հեռու անցյալում նրանով հրապուրված և, պետք է խոստովանել, նրա կողմից ճարպկորեն խրախուսվող Դիկը, թեթև մի ֆլիրտ սկսեց, որում, ի դեպ, այնքան չգնաց հեռու, որքան կուզենար աղջիկը։ Դիկի կողմից ոչ մի լուրջ բան չկար։ Եվ թույլ չտվեց նաև, որ աղջկա մեջ լուրջ զգացմունք արթնանա իր նկատմամբ։ Բայց, հիշելով այդ ֆլիրտը, Դիկը առավել զգուշավոր էր, ենթադրելով, որ հատկապես Լոտտին կսկսի առանձնահատուկ կերպով հետևել Պաոլային, և որ հատկապես ավելի շուտ Լոտտիի, քան մյուս տիկնանց մոտ, կարող են ծնվել ինչ-որ կասկածներ։

— Օ՜, այո՛, Գրեհեմը հրաշալի է պարում,— կես ժամ անց Դիկը լսեց Լոտտի Մեզոնի ձայնը՝ փոքրիկ միսս Մաքսուելլի հետ խոսելիս։— Ճի՞շտ է, Դիկ,— դիմեց նա Դիկին, նայելով մանկական անմեղ աչքերով, բայց (Դիկը զգում էր դա) միևնույն ժամանակ ուշադիր հետևելով նրան։

— Ո՞վ։ Գրեհե՞մը։ Իհարկե,— հանգիստ ու անկեղծորեն պատասխանեց Դիկը։— Այո, հրաշալի է պարում։ Իսկ ի՞նչ եք կարծում, պարեր չկազմակերպե՞նք արդյոք։ Այդ դեպքում միսս Մաքսուելլը առավել ևս կհամոզվի։ Թեև այստեղ միայն մի տիկին կա, որ կարող է պարընկեր լինել, նրա հետ Գրեհեմը կկարողանա ցուցադրել իր վարպետությունը։

— Dա, իհարկե, Պաոլան է,— ասաց Լոտտին։

— Իհարկե, Պաոլան է։ Ախր դուք, երիտասարդներդ վալս պարել չգիտեք։ Ասենք որտե՞ղ պետք է սովորեիք։

Լոտտին վեր ցցեց իր սիրունիկ քիթը։

— Ի դեպ, թերևս, դուք մի քիչ սովորել եք, նախքան պարերը նորաոճ կդառնային,— ներողություն հայցող տոնով ասաց Դիկը։— Եկեք համոզեմ Գրեհեմին ու Պաոլային, իսկ ես կպարեմ ձեզ հետ, ու վստահ եմ, որ այլ զույգ չի լինի։

Պարելիս նա հանկարծ կանգ առավ ու ասաց,

— Թող միայն նրանք պարեն։ Արժե, որ նրանցով հիանանք։

Հաճույքից փայլելով՝ նա նայում էր, թե ինչպես Գրեհեմն ու Պաոլան ավարտում են պարը, և զգում էր, որ Լոտտին կողքից զննում է իրեն, ու կասկածները փարատվում են։

Բոլորն էլ ուզեցին պարել, և քանի որ երեկոն շատ ջերմ էր, Դիկը հրամայեց կրնկի վրա բացել բակին նայող մեծ դռները։ Մերթ մի, մերթ մյուս զույգը պարելով դուրս էր սահում սենյակից, և պարը շարունակվում էր լուսնի լույսով ողողված կամարաշարի տակ. ի վերջո բակ դուրս եկան բոլոր զույգերը։

— Նա դեռ իսկական մանչուկ է,— ասաց Պաոլան Գրեհեմին, լսելով, թե ինչպես է Դիկը բոլորի մոտ գովաբանում գիշերային լուսավորության տակ իր նոր ֆոտոապարատը։— Ճաշի ժամանակ Ահարոնը նրան կշտամբեց ինքնավստահության համար։ Իսկ Թերենսը պաշտպանության տակ առավ։ Ամբողջ կյանքի ընթացքում Դիկը ոչ մի ողբերգություն չի ապրել։ Նա ոչ մի անգամ չի եղել պարտվողի վիճակում։ Նրա ինքնավստահությունը միշտ արդարացված է եղել։ Ինչպես Թերենսն ասաց, նա միշտ իսկական գործ է կատարել։ Ախր նա գիտե, անպայման գիտե, բայց և այնպես միանգամայն վստահ է և՛ իր, և՛ իմ նկատմամբ։

Երբ Գրեհեմը գնաց միսս Մաքսուելլի հետ պարելու, Պաոլան շարունակում էր մտորել միևնույն բանի մասին։ Ի վերջո, Դիկն այնքան էլ չի տառապում։ Այդպես էլ պետք էր սպասել։ Նա ողջախոհ է, փիլիսոփա։ Պաոլային կորցնելով՝ նա դրան կվերաբերվեր նույնքան սառնարյուն, որքան և Լեռնցու կորստին, Ջերեմի Բրեքսթոնի մահվանը կամ հանքերի հեղեղումին։ «Բավականին դժվար բան է,— ժպտալով ասաց նա յուրովի,— այսպես ջերմորեն ձգտել Գրեհեմին և լինել կինը մի այնպիսի փիլիսոփայի, որը մատը մատին չի խփի քեզ պահելու համար»։ Եվ Պաոլան դարձյալ պետք է խոստովաներ, որ Գրեհեմը հենց նրանով է հմայիչ, որ այդքան կրքոտ է, այդքան մարդկային։ Դա մտերմացրեց նրանց։ Նույնիսկ Փարիզում, Դիկի հետ Պաոլայի սիրավեպի ամենաջերմ շրջանում, նա չէր արթնացրել կնոջ մեջ այդպիսի բուռն զգացմունք։ Ճիշտ է, նա հիանալի սիրված տղամարդ էր, սիրո համար հատուկ բառեր գտնելու և Պաոլային այնպիսի հիացմունք պատճառող սիրո երգերի արտակարգ կատարման շնորհքով։ Սակայն այդ ամենը այն չէին, ինչ Պաոլան հիմա տածում էր Գրեհեմի նկատմամբ, և որ Գրեհեմն էլ, հավանաբար, տածում էր Պաոլայի նկատմամբ։ Բացի դրանից, այն վաղեմի օրերին, երբ Դիկն այնպես հանկարծակի տիրեց նրա սիրտը, Պաոլան դեռևս երիտասարդ էր ու սիրո հարցերում անփորձ։

Այդ մտքերից ավելի ու ավելի էր քարանում նրա սիրտը ամուսնու նկատմամբ, և բորբոքվում էր դեպի Գրեհեմն ունեցած կիրքը։ Հյուրերի բազմությունը, ուրախությունը, գրգիռները, պարելու ժամանակ մոտիկությունն ու քնքուշ հպումները, ամառային երեկոյի ջերմությունը, լուսնի լույսն ու գիշերային ծաղիկների բույրը Պաոլային հուզում էին ավելի ու ավելի խոր, ավելի սաստիկ, և նա երազում էր թեկուզև մեկ պար էլ Գրեհեմի հետ պարել։

— Ոչ, մագնեզիում պետք չէ,— ասաց Դիկը։— Սա գերմանական գյուտ է։ Բավական է կես րոպե բաց պահել փակաղակը սովորական լուսավորության տակ։ Ամենից հարմարն այն է, որ կարելի է անմիջապես լվանալ թիթեղը։ Եվ թերությունն էլ այն է, որ չի կարհլի տպել հենց թիթեղից։

— Բայց եթե նկարը հաջող է, կարելի է այս թիթեղից վերանկարել սովորականի վրա ու նոր միայն տպել,— նկատեց Էրնեստինան։

Նա արդեն տեսել էր ապարատի մեջ փաթաթված քսան ֆուտանոց այդ օձը, որը սեղմելիս անմիջապես դուրս էր թռչում, ինչպես փոքրիկ սատանան՝ արկղի միջից։ Ներկաներից շատերը նույնպես տեսել էին ապարատը, և Դիկին խնդրեցին բերել ու փորձել։

Նա բացակաչեց ավելի երկար ժամանակով, քան ենթադրում էր, որովհետև Բոնբրայթը նրա սեղանին էր թողել Մեքսիկայում տիրող դրության վերաբերող մի քանի հեռագրեր, որոնց անհրաժեշտ էր անմիջապես պատասխանել։ Վերջապես, ապարատը վերցնելով, Դիկը տան ու բակի միջով ամենակարճ ճանապարհով վերադարձավ հյուրերի մոտ։ Կամարաշարի տակ պարող զույգերը աստիճանաբար անցան դահլիճ և, սյուներից մեկին հենվելով, Դիկը դիտում էր, թս ինչպես են նրանք անցնում իր մոտով։ Վերջին զույգը Պաոլան և Գրեհեմն էին. նրանք անցան այնքան մոտիկ, որ Դիկը կարող էր ձեռքը պարզել, հասցնել նրանց։ Ու թեև լուսնի լույսն ընկնում էր ճիշտ Դիկի վրա, չնկատեցին վերջինիս։ Նրանք անթարթ իրար էին նայում։

նախավերջին զույգն արդեն սրահում էր, և երաժշտությունը դադարեց։ Պաոլան ու Գրեհեմը կանգ առան։ Իվենն այն է, ուզում էր առաջարկել իր ձեռքն ու նույնպես անցնել սրահ, երբ Պաոլան հանկարծ անզուսպ մի պոռթկումով սեղմվեց նրան։ Զուտ տղամարդկային զգուշավորությամբ Գրեհեմը սկզբում թեթևակի ընկրկեց, բայց Պաոլան գրկեց նրա պարանոցն ու քաշեց դեպի իրեն՝ համբուրելու համար։ Դա կրքի հանկարծահաս ու անզուսպ մի բռնկում էր։ Հաջորդ պահին Պաոլան, թևանցուկ անելով նրան, արդեն մտնում էր սրահ, և Դիկին հասավ կնոջ ուրախ ու սրտանց ծիծաղը։

Դիկը բռնեց սյունից և այդպես բռնած էլ սահեց ցած ու նստեց քարե սալերին։ Նա հևում էր։ Սիրտը խփում էր այնպես, ասես ուզում էր դուրս թռչել կրծքից. նա շուրթերով ծծում էր օդը։ Իսկ անիծյալ սիրտը կատաղորեն խփում էր, սեղմում էր կոկորդը, խեղդում էր նրան։ Դիկին թվաց, թե սիրտն արդեն բերանի մեջ է, և ինքը ծամում ու կուլ է տալիս թարմ օդի հետ։ Հանկարծ նա սարսռաց, իսկ հետո ամբողջովին ծածկվեց քրտինքով։

— Լսած կա՞ս, որ Ֆորրեսթներից մեկնումեկը սրտի հիվանդություն ունեցած լինի,— մրմնջաց նա, դեռևս գետնին նստած, հենված սյունին և սրբելով քրտնած դեմքը։ Նրա ձեռքը դողում էր, սրտի հիվանդագին թրթիռները թեթևակի սրտախառնուք էին առաջացնում։

Եթե նրան համբուրեր Գրեհեմը, դա դեռ ոչինչ չէր նշանակի, մտածում էր նա։ Բայց Պաոլան ինքը համբուրեց Գրեհեմին։ Ուրեմն, սերն է, կիրքը։ Նա անձամբ հիմա համոզվեց. ու երբ այդ տեսարանը դարձյալ հառնեց նրա աչքերի առջև, սիրտը նորից սեղմվեց ու խեղդուկը ճնշեց կոկորդը։ Անասելի ջանքերով նա, վերջապես, տիրապետեց իրեն ու ոտքի ելավ։

«Ազնիվ խոսք, հասել էր բերանս ու ես ծամում էի,— մտածեց նա սրտի մասին։— Այո, ծամում էի»։

Շրջանցելով բակը՝ նա վերադարձավ դեմքի ուրախ արաահայտությամբ,— նրան այդպես էր թվում,— մտավ պայծառ լուսավորված սենյակը, ապարատը ձեռքին, ու շատ զարմացավ, թե ինչպես դիմավորեցին իրեն։

— Ի՞նչ է պատահել։ Ուրվակա՞նն է վախեցրել,— հարցրեց Լյութը։

— Դուք հիվա՞նդ եք։ Ի՞նչ է պատահել,— հարցերի տարափ տեղացին մյուսները։

— Ի՞նչ եք ասում,— իր հերթին զարմացավ նա։

— Ձեր դեմքը...— բացականչեց Էրնեստինան։— Ի՞նչ է պատահել։

Զարմացած շուրջը նայելով՝ նա անմիջապես նկատեց, որ Լոտտի Մեզոնը թռուցիկ մի հայացք նետեց Գրեհեմի ու Պաոլայի վյրա, և որ Էրնեստինան, որսալով այդ հայացքը ու հետևելով դրան, ինքն էլ գողունի նայեց նրանց։

— Այո՛,— ստեց նա։— Ես ծանր լուր եմ ստացել։ Հենց նոր։ Ջերեմի Բրեքսթոնը մահացել է։ Սպանված է։ Մեքսիկացիները նրան բռնել են Արիզոնա փախչելիս։

— Ծերուկ Ջերեմի՜ն։ Երկնային արքայությո՜ւն նրան։ Ի՜նչ լավ մարդ էր,— ասաց Թերենսը Դիկին թևանցուկ անելով։— Գնանք, բարեկամս, ձեզ անհրաժեշտ է սրտապնդվել, ես ձեզ կուղեկցեմ։

— Ո՜չ, ո՜չ, արդեն անցավ,— ժպտաց Դիկը՝ ուսերը ցնցելով ու վճռականորեն ձգվելով։— Առաջին պահին դա իսկապես ցնցեց ինձ։ Ես չէի կասկածում, որ Ջերեմին այս կամ այն կերպ դուրս կգա այդ պատմությունից։ Բայց պեոնները բռնել են նրան ու երկու ինժեների։ Նրանք խիզախորեն դիմադրել են։ Դիրքավորվել են քարաժայռի հետևում և ամբողջ օրը եղել են հիսուն հոգիանոց ջոկատի կրակի տակ։ Հետո մեքսիկացիները նրանց վրա դինամիտի գլանիկներ են նետել վերևից։ Այո, ամեն մի մարմին խոտ է միայն, ու անցյալ տարվա խոտը հարություն չի առնում։ Ձեր առաջարկությունը, Թերենս, իմաստուն առաջարկություն է։ Ուղեկցեք ինձ։

Մի քանի քայլ անելուց հետո նա շրջվեց և ուսի վրայով ասաց.

— Թող դա չխանգարի ձեր ուրախությանը։ Ես հիմա կվերադառնամ ու ամբողջ խմբին կլուսանկարեմ։ Իսկ դու՝ Էրնեստինա, առայժմ նստեցրու նրանց ու ապահովիր ամենաուժեղ լույսը։

Սենյակի հակառակ ծայրին Թերենսը բացեց պատի պահարանն ու հանեց բաժակները։ Դիկը վառեց պատի լամպն ու սկսեց զննել դեմքը պահարանի դռնակին գտնվող հայելու մեջ։

— Իմ կարծիքով հիմա ոչինչ,— ասաց նա։— Ամեն ինչ կարգին է։ Սովորական դեմք է։

— Դա միայն ակնթարթային ստվեր էր,— համաձայնեց նրա հետ Թերենսը՝ վիսկի լցնելով բաժակների մեջ։— Մարդս իրավունք ունի հուզվելու, երբ կորցնում է վաղեմի բարեկամներին։

Նրանք խփեցին բաժակներն ու լուռ խմեցին։

— Էլի՛,— ասաց Դիկը, պարզելով բաժակը։

— Ասացեք, թե որքան։— Եվ իռլանդացին սկսեց հանգիստ հետևել, թե ինչպես է բաժակի մեջ բարձրանում հեղուկի մակարդակը։

Դիկն սպասեց, մինչև որ լցվեց բաժակի կեսը։

Նրանք նորից խփեցին բաժակներն ու նորից խմեցին, իրար աչքերի մեջ նայելով, և Դիկը մի ջերմ երախտագիտություն զգաց Թերենսի նկատմամբ այն անսահման հավատարմության համար, որ կարդաց նրա հայացքում։

Իսկ այդ ընթացքում սրահի կենտրոնում էրնեստինան նստեցնում էր խումբը լուսանկարելու համար և ջանում էր Պաոլայի, Գրեհեմի ու Լոտտիի դեմքից կռահել թեկուզ չնչին մի բան, ինչը նա անգիտակցորեն զգացել էր։ «Ինչո՞ւ Լոտտին այդպես սևեռուն նայեց Պաոլային ու Գրեհեմին,— յուրովի հարցնում էր Էրնեստինան։— Պաոլայի հետ ևս ինչ-որ արտակարգ բան է տեղի ունենում։ Նա, ինչպես երևում է, կորցրել է ինքզինքը, տագնապած է։ Բայց Բբեքսթոնի մահվան լուրը, կարծես թե այդ ամենի հեա առնչություն չունի»։

Գրեհեմի դեմքից ոչինչ իմանալ չէր կարելի։ Նա իրեն պահում էր սովորականի պես ու հալից գցելու աստիճան ծիծաղեցնում էր միսս Մաքսուելլին և միսիս Ուաթսմենին։

Այո՛, Պաոլան տագնապած էր. ի՞նչ է պատահել։ Ինչո՞ւ Դիկը ստեց։ Նա ախր Ջերեմի Բրեքսթոնի մահվան մասին գիտեր դեռևս երկու օր առաջ։ Ու երբեք նրան այդպես չի ցնցել որևէ մեկի մահվան լուրը։ Չլինի՞ չափից ավելի էր խմել։ Իրենց ամբողջ ամուսնական կյանքում Պաոլան մի քանի անգամ էր նրան հարբած տեսել։ Բայց ալկոհոլը չէր ներգործում նրա վրա. գինին միայն փայլ էր տալիս նրա աչքերին, բացում էր լեզվի կապանքները, և նա հաճույքով ամեն տեսակի օյիններ ու հանպատրաստի երգեր էր հորինում։ Գուցե նա հասցրել էր մի լավ խմե՞լ այդ տոկուն Թերենսի հետ դեռևս բիլիարդի սենյակում։ Պաոլան նրանց բոլորին այնտեղ էր տեսել ճաշից առաջ։ Նրա հուզմունքի իսկական պատճառը Պաոլայի մտքովն իսկ չէր անցնում, որովհետև ամեն տեսակի լրտեսությունը խորթ էր Դիկի համար։

Դիկը վերադարձավ։ Սրտանց ծիծաղելով Թերենսի ինչ-որ կատակի վրա՝ նա մոտ կանչեց Գրեհեմին և ստիպեց «իմաստունին» կրկնել այն։ Երբ երեքով կարգին ծիծաղեցին, Դիկը պատրաստվեց լուսանկարել խումբը։ Ապարատը բացվելով՝ ասես կրակեց, կանայք վախեցած ճչացին, և այդ ամենը վերջնականապես ցրեց մռայլ տրամադրության մնացորդները, հատկապես երբ տանտերն առաջարկեց գետնընկույզ խաղը։ Խաղի էությունը կայանում էր նրանում, թե ով հինգ րոպեում հացի դանակի ծայրին դրած ավելի շատ ընկույզ կտեղափոխի իրարից տասներկու յարդ հեռավորության վրա գտնվող աթոռից դեպի սեղանը։ Ցույց տալով, թև դա ինչպես է արվում, Դիկը խաղընկեր ընտրեց Պաոլային ու մրցակցության հրավիրեց բացարձակապես բոլորին, այդ թվում նաև ուիքենբերգցիներին ու «Մադրոնյան պուրակի» բնակիչներին։ Անուշեղենի բազմաթիվ տուփեր շահվեցին ու տանուլ տրվեցին։ Ի վերջո, Դիկն ու Պաոլան առաջ անցան Գրեհեմից ու Էրնեստինայից, երկրորդ տեղը գրաված այդ զույգից։ Դիկից պահանջեցին, որ ճառ արտասանի, ոչ, ավելի լավ է՝ թող երգի գետնընկույզի մասին։ Դիկն անմիջապես զուտ հնդկական ոճով հանպատրաստից մի երգ հորինեց, միաժամանակ, ոտքերն առանց ծալելու թռչկոտելով ու ազդրերին, խփելով, սկսեց չափ տալ։

— Ես Դիկ Ֆորրեսթն եմ, որդին «Բախտավոր» Ռիչարդի, որդին Ջոնաթան Պուրիտանացու, որդին Ջոնի՝ թափառաշրջիկ-նավաստու, որպիսին էր նաև նրա հայր Ալբերտը՝ որդին Մորթիմերի՝ ծովահենի ու թիապարտի, որը մեռավ առանց մեղքերի թողության։

Ես վերջինն եմ Ֆորրեսթներից և առաջինը՝ գետնընկույզներ տեղափոխողների տոհմում։ Նեմվրոդն ու Սենդաուն իմ առաջ ոչինչ են։ Ես գետնընկույզներ եմ տեղափոխում դանակի, արծաթե դանակի ծայրով։ Գետնընկույզների մեջ նստած է ինքը՝ սատանան։ Ես ընկույզները տանում եմ հեշտությամբ ու նազանքով։ Ես շատ֊շատ եմ տանում։ Դեռևս չի աճել այն ընկույզը, որը հաղթի ինձ։

Ընկույզները գլորվում են։ Ընկույզները գլորվում են։ Բայց ես, ինչպես երկրագունդը պահող Ատլասը, չեմ թողոնում, որ ընկնեն։ Ամեն ոք չէ, որ կարող է գետնընկույզներ տանել։ Ես ունեմ աստծուց տված տաղանդ։ Ընկույզները գլորվում են, և ես հավիտյան կպահեմ, որ չընկնեն։

Ահարոնը փիլիսոփա է. նրա ի՞նչ գործն է ընկույզ տանելը։ Էրնեստինան շիկահեր է։ Շիկահերները չեն կարող գետնընկույզներ տանել։ Իվենը մարզիկ է։ Նա թափում է ընկույզները։ Պաոլան իմ խաղընկերն է. նա չի կարող պահել ընկույզները։ Միայն ես, միայն ես, աստծո ողորմածությամբ ու սեփական իմաստության ուժով կարող եմ տանել ընկույզները։

Եթե ձեզ ձանձրացրեց իմ երգը, նետեցեք վրաս ծանր առարկաներ։ Ես հպարտ եմ։ Ես անխոնջ եմ։ Ես կարող եմ երգել մինչև դարի վերջը։ Եվ ես կերգեմ մինչև դարավերջ։

Այստեղ սկսվում է երկրորդ երգը, եթե մեռնեմ, ինձ թաղեցեք գետնընկույզների կույտի մեջ։ Բայց առայժմ ես ողջ եմ...

Ինչպես և պետք էր սպասել, Դիկի վրա տեղացին գահավորակի բարձերն ու ընդհատեցին նրա երգը, բայց չկարողացան զսպել նրա կատաղի ուրախությունը։ Մեկ րոպե անց, մի անկյուն քաշված, նա արդեն փսփսում էր Լոտտի Մեզոնի ու Պաոլայի հետ՝ գաղտնի դավադրություն կազմակերպելով Թերենսի դեմ։

Եվ այսպես, պարերով, ծիծաղով ու կատակներով անցավ այդ երեկոն։ Կեսգիշերին մատուցեցին ընթրիք, և ուիքենբերգցի հյուրերը հրաժեշտ տվեցին գիշերվա ժամը երկուսին միայն։ Մինչ նրանք պատրաստվում էին ճանապարհ ընկնելու, Պաոլան առաջարկեց հետևյալ օրը մեկնել Սաքրամենթո գետը՝ Դիկի փորձնական դաշտում բրնձի տունկերը տեսնելու։

— Ես ուրիշ բան նկատի ունեի,— ասաց Դիկը։— Դու գիտե՞ս Սայքամոր-Քրիքի լեռնային արոտավայրերը։ Վերջին տասը օրվա ընթացքում այնտեղ երեք մաքի են խեղդել։

— Պոլմանե՞րը,— բացականչեց Պաոլան։

— Ամենաքիչը՝ երկուսն են... Երևի հյուսիսից են եկել,— դիմեց նա Գրեհեմին։— Երբեմն պատահում են այդպիսի դեպքեր։ Երեքին մենք սպանեցինք հինգ տարի առաջ։ Մոսսն ու հարթլին կսպասեն մեզ իրենց շներով։ Նրանք հետամուտ են եղել երկուսին։ Ի՞նչ կասեք, եթե բոլորս մեկնենք այնտեղ։ Դուրս կգանք նախաճաշից անմիջապես հետո։

— Կարելի՞ է Մոլլիին վերցնել,— հարցրեց Լյութը։

— Իսկ դու կվերցնես Ալթադենին,— Էրնեստինային ասաց Պաոլան։

Ձիերի արագ բաժանում կատարվեց։ Ֆրեյլիգն ու Մարտինեսը նույնպես համաձայնեցին մասնակցելու որսորդությանը, ի դեպ, հայտարարելով, որ շատ վատ են ձի հեծնում և առավել վատ՝ կրակում։

Բոլորր դուրս եկան ուիքենբերգցիներին ճանապարհելու, ու երբ մեքենաները հեռացան, նրանք դեռ մի քիչ էլ կանգնեցին բակում՝ զրուցելով հաջորդ օրվա որսի մասին։

— Դեհ, բարի գիշեր,— ասաց Դիկը, երբ բոլորը տուն մտան։— Նախքան պառկելը, ես կգնամ մի անգամ էլ տեսնելու ծերուկ Բեսսիին։ Հեննեսին նստած է նրա մոտ։ Աղջիկներ, հիշեցեք, նախաճաշին ներկայանալ ամազոնկաներով և ոչ մի դեպքում չուշանալ։

Արքայադստեր զառամյալ մայրը շատ ծանր վիճակում էր, բայց ուրիշ ժամանակ Դիկն, իհարկե, այսքան ուշ ժամի չէր գնա նրան այցհլության։ Դիկը կամենում էր լինել մենակ. այն բանից հետո, ինչին ականատես եղավ նա, վախենում էր Պաոլայի հետ մենակ մնալուց։

Խճի վրա լսվող թեթև քայլերը ստիպեցին ետ շրջվել։ Էրնեստինան հասավ նրան ու թևանցուկ արեց։

— Խե՜ղճ Բեսսի,— ասաց Էրնեստինան։— Ես էլ եմ ուզում տեսնել նրան։

Դիկը շարունակեց իր վրա վերցրած դերը, սկսեց հիշել զանազան ծիծաղելի դեպքեր, որոնք տեղի էին ունեցել այդ երեկո՝ ծիծաղում էր, կատակում, և թվում էր չափազանց ուրախ։

— Դիկ,— ասաց Էրնեստինան, երբ նա վերջապես լռեց։— Դուք ինչ֊որ վիշտ ունեք։— Նա զգաց, որ Դիկը հանկարծ դարձավ ինքնամփոփ, ու աճապարանքով շարունակեց։— Ես շատ եմ ուզում ձեզ օգնել։ Դուք հո գիտեք, որ կարող եք վստահել ինձ։ Ասացեք, ի՞նչ է պատահել։

— Այո, ես կասեմ,— պատասխանեց նա։— Բայց մի բան միայն կասեմ։— Էրնեստինան երախտագիտությամբ սեղմեց նրա արմունկը։— Վաղը դուք հեռագիր կստանաք, շտապ հեռագիր։ Որևէ լուրջ բան չկա։ Բայց դու և Լյութը կպատրաստվեք ու կհեռանաք հնարավորին չափ շուտ։

— Այդքա՞ն,— հիասթափված ասաց նա։

— Դրանով դուք ինձ մեծ լավություն արած կլինեք։

— Դուք նույնիսկ չեք ուզում խոսե՞լ ինձ հետ,— վրդովվեց նա, Դիկի մերժումից վշտացած։

— Հեռագիրը կստանաք այն ժամանակ, երբ դեռևս անկողնում կլինեք։ Իսկ այժմ կարիք չկա, որ գաս Բեսսիի մոտ։ Վազիր տուն։ Բարի գիշեր։

Դիկը համբուրեց նրան, քնքշորեն հրեց տան կողմն ու քայլեց իր ճանապարհով։

Գլուխ XXX

Հիվանդ զամբիկի մոտից վերադառնալիս Դիկը կանգնեց ու ականջ դրեց. ախոռում անհանգիստ դոփդոփում էին Լեռնցին ու մյուս ձիերը։ Լռության մեջ, հեռու սարերից, որտեղ արածում էին անասունները, զանգակի միալար զրնգոց հասավ։ Թեթև քամին հանկարծ Դիկի դեմքին փչեց բուրումնավետ ջերմության մի շիթ։ Դիքերը լի էր հասուն հասկերի և խոտի թեթև ու անուշ բույրով։ Ձիերը նորից դոփդոփեցին. և Դիկը, խոր շունչ քաշելով, զգաց, որ երևի երբեք այդքան չէր սիրել այս ամենը։ Նա վեր նայեց ու հայացքով ընդգրկեց աստղային ողջ հորիզոնը, որը տեղ-տեղ ծածկված էր լեռնագագաթներով։

— Ո՛չ, Կատոն,— բարձրաձայն ասաց նա։— Քեզ հետ չի կարելի համաձայնել։ Մարդը կյանքից չի հեռանում, ինչպես հեռանում են պանդոկից։ Նա հեռանում է, ինչպես իր տնից՝ միակ բանը, որ պատկանում է նրան։ Նա հեռանում է դեպի... անհայտություն։ Բարի գիշեր։ Նրա առջև անաղմուկ դուրս է գալիս Գերանդիավորը, և վերջ։

Նա ուզում էր շարունակել ճանապարհը, բայց ձիերի դոփյունը դարձյալ ուշացրեց նրան, իսկ սարերում դարձյալ զրնգաց զանգը։ Ռունգները լայնացնելով՝ Դիկը խոր ներշնչեց բուրավետ օդը և զգաց, որ սիրում է թե՛ օդը, թե՛ կալվածատունը, թե՛ արտերը, քանզի այդ բոլորը իր ստեղծածն էր։

— «Ես նայեցի ժամանակի խորքերն ու ինքս ինձ չգտա,— հիշեց նա, և հետո, ժպտալով, ավելացրեց.— նա ինձ ինը որդի պարգևեց, իսկ մյուս ինը՝ դուստրեր էին»։

Մոտենալով տանը՝ նա մի րոպե կանգնեց, հիանալով տան ընդարձակ, համարձակ ուրվագծերով։ Ներս մտնելով Դիկը չշտապեց դեպի իր կողաշենքը, դրա փոխարեն գնաց թափառելու դատարկ ու խաղաղ սենյակներում, բակերում և երկար, աղոտ լուսավորված սրահներում։ Դիկն իրեն զգում էր որպես հեռավոր ճամփորդության դուրս եկած մարդ։ Նա վառեց լույսը Պաոլայի կախարդական բակում, նստեց հռոմեական մարմարե բազկաթոռին և, կշռադատելով իր ծրագիրը, սիգարեթ վառեց։

Օ՜հ, նա այդ բոլորը հմտորեն կանի։ Որսի ժամանակ այնպիսի «դժբախտ պատահար» տեղի կունենա, որը բացարձակապես բոլորին կխաբի։ Նա չի՜ վրիպի, ո՜չ։ Թող դա տեղի ունենա վաղը Սայքամոր-Քրիքի անտառներում։ Ջոնաթան Ֆորրեսթ պապիկը, այդ խիստ պուրիտանացին, չէ՞ որ նույնպես դժբախտ պատահարից զոհվեց որսորդության ժամանակ։ Բայց, եթե դա պատահականություն չի եղել, ծերուկը, պետք է արդարամիտ լինել, ծայր աստիճան հմտորեն էր նախապատրաստել այդ ամենը։ Ընտանիքում նույնիսկ խոսակցություն էլ չեղավ այն մասին, որ կարող է ավելին եղած լինել, քան դժբախտ պատահարն է։

Ձեռքը պարզելով անջատիչին՝ Դիկը փոքր-ինչ դանդաղեց, որպեսզի վերջին անգամ նայի շատրվանի ջրերում և վարդերի մեջ խաղացող մարմարե մանկիկներին։

— Դուք, հավերժ փոքրիկներ, մնաք բարով,— մեղմ ասաց նա՝ դիմելով արձանիկներին։— Միայն ձեզ եմ ես ծնել։

Իր ննջարան֊պատշգամբից նա Պաոլայի ննջարանին նայեց, որը գտնվում էր ընդարձակ բակի մյուս կողմում։ Այնտեղ մութ էր։ Գուցե Պաոլան քնել էր։

Նա մտքերից սթափվեց ու տեսավ, որ նստած է մահճակալի եզրին, կապերը քանդած մի կոշիկով։ Ժպտալով իր ցրվածության վրա՝ նա դարձյալ կապեց կոշիկը։ Ինչո՞ւ պառկի քնելու։ Արդեն լուսադեմ է, ժամը չորսը։ Չէ՞ որ վերջին անգամ է հիանում արևածագով։ Հիմա շատ բան նրա համար կլինի վերջին անգամ։ Ահավասիկ, հագնվել է վերջին անգամ։ Եվ երեկ առավոտյան լոգանքն էլ վերջինն էր։ Մի՞թե մաքուր ջուրը կարող է կանխել հետմահու քայքայումը։ Բայց ստիպված է, այնուամենայնիվ, սափրվել։ Երկրային ունայնության վերջին օ՜րը... Չէ՞ որ մահից հետո մի առ ժամանակ մազերը շարունակում են ճել։

Պատի մեջ տեղադրված անկիզելի պահարանից նա հանեց կտակը, դրեց սեղանի վրա և ուշադիր կարդաց։ Մտքովն անցան բազմաթիվ մանր լրացումներ, և նա դրանք ավելացրեց ձեռագրով, շրջահայացորեն դնելով կես տարի վաղեմությամբ մի ամսաթիվ։ Վերջին լրացումը ապահովում էր յոթ հոգուց բաղկացած իմաստունների համայնքը։

Նա աչքի անցկացրեց իր ապահովագրական պոլիսները և ուշադրությամբ կարդաց ինքնասպանության վերաբերյալ ենթաբաժինները։ Անցյալ օրվանից մնացած նամակները ստորագրեց և մի նամակ թելադրեց դիկտոֆոնին, որն ուղղված էր հրատարակիչին։ Սեղանը հավաքելով՝ նա շատ արագ հաշվարկեց ակտիվն ու պասսիվը, ակտիվից դուրս նետելով հեղեղված հանքերը. այդ հաշվեկշիռը նա տեղնուտեղը փոխարինեց մեկ ուրիշով, առավելագույն չափով մեծացնելով ծախսերը և ծիծաղելու չափ կրճատելով շահույթը։ Բայց և այնպես, արդյունքը բավարար ստացվեց։

Հետո նա պատառոտեց թվերով լի թերթիկները և նոթագրեց ծրագիրը, որը նրա կարծիքով, պետք էր իրականացնել մեքսիկական հանքերի նկատմամբ։ Այդ ծրագիրը նոթագրեց անփութորեն, ընդհանուր գծերով, որպեսզի, երբ գրությունը գտնեն թղթերի մեջ, կասկածներ չհարուցի։ Ճիշտ նույն կերպ էլ նա մի քանի տարվա ծրագիր նշեց շիրերի ցեղի բարելավման ուղղությամբ, ինչպես նաև Լեռնցու, Արքայադստեր ու նրանց սերնդի լավագույն ներկայացուցիչների համար ներցեղային խաչաձևման մասին։

Երբ ժամր վեցին Օ֊Տուրը սուրճ բերեց, Դիկը շարադրում էր բրնձի ցանքաստանների իր նախագծի վերջին կետը։

«Թեև իտալական բրինձը շատ արագ է աճում և այդ պատճառով էլ հատկապես հարմար է փորձերի համար,— գրում էր նա,— ես մի առ ժամանակ դաշտերը կցանեմ մոթի, յոքո և ուոթերիբյուն տեսակներով՝ միևնույն համամասնությամբ։ Քանի որ դրանք հասունանում են տարբեր ժամանակներում, դա հնարավորություն կտա նույն բանվորների, մեքենաների ու նույն ծախսերի դեպքում ավելի մեծ տարածություն մշակելու, քան մի տեսակի ցանքսի դեպքում»։

Օ֊Տուրը սուրճը դրեց սեղանին, ոչնչով չարտահայտելով իր զարմանքը նույնիսկ այն բանից հետո, երբ տեսավ բոլորովին ձեռք չտված անկողինը։ Եվ Դիկն էլ չէր կարող չհիանալ նրա զսպվածությամբ։

Վեց անց կեսին զանգահարեց հեռախոսը, և նա լսեց Հեննեսիի հոգնած ձայնը, որն ասում էր.

— Գիտեմ, որ դուք արդեն ոտքի վրա եք, և ուզում եմ ուրախ լուր հայտնել։ Ծերուկ Բեսսին ապաքինվում է։ Թեև շատ ծանր վիճակի մեջ էր։ Հիմա գնում եմ քնելու։

Սափրվելուց հետո Դիկը կանգնեց ցնցուղի առաջ, և նրա դեմքը խոժոռվեց։ «Ո՞ւմ է պետք, միայն ժամանակ կկորցնեմ»։ Սակայն նա փոխեց կոշիկները, հագավ որսորդության համար ավելի հարմար ծանր կոշիկներ։

Նա նորից նստեց սեղանի առաջ և աչքի անցկացրեց իր նոթագրությունները, նախապատրաստվելով առավոտյան աշխատանքին, երբ լսեց Պաոլայի ոտնաձայները։ Նա չողջունեց իր սովորական «Բարի լույս, ուրախ Դիկ» բառերով, այլ շատ մոտիկ գալով, մեղմորեն ասաց.

— Կաղինների սերմնացա՜ն։ Մի՜շտ անխոնջ, մի՜շտ առույգ Ալ Ամպ։

Ոտքի կանգնելով ու ջանալով չդիպչել նրան՝ Դիկը Պաոլայի աչքերի տակ նկատեց մուգ ստվերներ։ Պաոլան ևս խուսափում էր ամուսնուն դիպչել։

— Դարձյա՞լ «սպիտակ գիշեր»,— հարցրեց նա՝ Պաոլային աթոռ առաջարկելով։

— Այո, «սպիտակ գիշեր»,— պատասխանեց Պաոլան։— Ոչ մի րոպե չեմ քնել, բայց որքա՜ն եմ ջանացել։

Երկուսն էլ դժվարանում էին խոսել, բաչց միևնույն ժամանակ չէին կարողանում հայացքներն հեռացնել իրարից։

— Քո... տեսքը վատ է։

— Այո, դեմքս այն չէ,— գլխով արեց Դիկը։— Նայեցի, երբ սափրվում էի, երեկվա այդ արտահայտությունը ոչ մի կերպ չի անցնում։

— Երեկոյան քեզ ինչ֊որ բան պատահեց,— անվստահորեն ասաց նա, և Դիկը նրա աչքերում պարզորոշ կարդաց նույն տառապանքը, որը տեսել էր նաև Օյ-Լյայի աչքերում։— Բոլորի ուշադրությունը գամվեց քեզ վրա։ Ի՞նչ է պատահել։

Նա վեր քաշեց ուսերը։

— Այդ արտահայտությունը արդեն բավականին ժամանակ է, որ հայտնվել է,— պատասխանից խուսափեց նա, հիշելով, որ առաջին անգամ նկատել է Պաոլայի կտավի վրա։— Դու է՞լ ես նկատել,— հարցրեց Դիկը։

Պաոլան գլխով արեց։ Հանկարծ նրա գլխում մի նոր միտք ծնվեց։ Դիկը այդ միտքը կարդաց նրա դեմքին, նախքան Պաոլան կհասցներ բարձրաձայն ասել.

— Դիկ, գուցե դու սիրահարվե՞լ ես։

Դա կարող էր ելք լինել։ Դա կլուծեր բոլոր թյուրիմացությունները։ Պաոլայի դեմքին մի հույս ճառագեց։

Դիկը դանդաղ օրորեց գլուխը և ժպտաց, նա տեսավ, թե ինչպես հիասթափվեց Պաոլան։

— Ի դեպ՝ այո,— ասաց Դիկը։— Այո, սիրահարվել եմ։

— Սիրահարվե՞լ ես։— Պաոլան շատ ուրախացավ, երբ նա պատասխանեց. «Սիրահարվել եմ»։

Պաոլան չէր սպասում, թե ինչ է դրան հետևելու։ Դիկը ոտքի ելավ, կտրուկ մի շարժումով նրան մոտեցրեց իր աթոռը, այնքան մոտիկ, որ ծնկները հպվեցին Պաոլայի ծնկներին, ու հակվելով կնոջ վրա, արագ, բայց քնքշորեն բռնեց նրա ձեռքերը։

— Մի՛ վախեցիր, թռչնակս,— պատասխանեց Դիկը։— Ես քեզ չեմ համբուրի։ Ես վաղուց արդեն չեմ համբուրել քեզ։ Ես ուղղակի ուզում եմ պատմել այդ սիրահարվածության մասին։ Բայց դրանից առաջ ուզում եմ ասել, թե որքան հպարտ եմ ես, որքան եմ հպարտանում քեզնով։ Հպարտ եմ, որ սիրահարված եմ։ Իմ այս տարիքին՝ սիրահարվա՜ծ եմ։ Դա անհավանական է, զարմանալի։ Եվ ինչպե՜ս եմ սիրում։ Եվ որքա՜ն տարօրինակ, արտասովոր և միևնույն ժամանակ հիանալի սիրող տղամարդ եմ։ Ես բոլոր գրքերի և կենսաբանական բոլոր տեսությունների կենդանի ժխտումն եմ։ Պարզվում է, որ ես միասեր եմ։ Եվ սիրում եմ մի կնոջ, եզակի կնոջ միայն։ Տասներկու տարի նրան տիրելուց հետո շարունակում եմ սիրել խենթորեն, քնքշությամբ ու խենթորեն։

Պաոլայի ձեռքերն ակամայից մատնեցին նրա հիասթափությունը, նա մի թեթև շարժում արեց ձեռքերն ազատելու համար, սակայն Դիկը սեղմեց ավելի ամուր։

— Ես դիտեմ այդ կնոջ բոլոր թուլությունները, և ես նրան սիրում եմ ամբողջությամբ, բոլոր թուլություններով ու կատարելություններով, սիրում եմ նույնպիսի խենթությամբ, ինչպես և առաջին օրերին, ինչպես այն խելագար պահերին, երբ առաջին անգամ գրկել էի նրան։

Պաոլայի ձեռքերը ավելի համառորեն էին ջանում դուրս պրծնել գերությունից, նա անգիտակցորեն քաշում և ցնցում էր ձեռքերը, որպեսզի, վերջապես, ազատի։ Նրա հայացքում սարսափ երևաց։ Դիկը գիտեր նրա նրբազգացությունը և կռահում էր, որ այն բանից հետո, երբ Պաոլայի շուրթերին ոչ շատ առաջ հպվել են մեկ ուրիշի շուրթերը, կինը չի կարող չվախենալ ամուսնու կողմից սիրո առավել բուռն արտահայտություններից։

— Խնդրում եմ, խնդրում եմ, մի՛ վախեցիր, հեզ, գեղեցիկ, հպարտ իմ թռչնակ։ Տես, ես քեզ ազատ եմ թողնում։ Իմացիր, որ ես ջերմորեն սիրում եմ քեզ և ամբողջ այդ ընթացքում քեզ հետ հաշվի եմ նստում ոչ պակաս, քան ինձ հետ, և նույնիսկ, առավել շատ՝ քեզ հետ։

Նա մի կողմ քաշեց իր աթոռը, հենվեց թիկնակին և տեսավ, որ Պաոլայի հայացքը դարձել է ավելի վստահող։

— Ես քո առաջ կբացեմ իմ սիրտը,— շարունակեց նա,— և ուզում եմ, որ դու էլ բացես քոնը։

— Իմ նկատմամբ քո այս սերը բոլորովի՞ն նոր բան է,— հարցրեց Պաոլան։— Կրկնողությո՞ւն։

— Ե՜վ այդպես, և՛ ոչ։

— Ես կարծում էի, թե արդեն վաղուց քեզ համար սովորություն եմ դարձել...

— Ես միշտ սիրել եմ քեզ։

— Բայց ոչ խենթորեն։

— Ոչ,— խոստովանեց նա,— բայց համոզված կերպով։ Ես այնքան համոզված եմ եղել քո նկատմամբ, իմ նկատմամբ։ Դա ինձ համար եղել է հաստատուն ու ընդմիշտ վճռված մի բան։ Եվ այստեղ ես մեղավոր եմ։ Բայց երբ վստահությունս երերաց, քո նկատմամբ ունեցած սերս նորից բռնկվեց։ Այն ապրել է մեր ամուսնության ամբողջ ընթացքում, բայց դա եղել է մարմանդ, հաստատուն մի կրակ։

— Իսկ ե՞ս,— հարցրեց Պաոլան։

— Հիմա քեզ էլ կհասնենք։ Ես գիտեմ, թե ինչ է քեզ մտահոգում և հիմա, և մի քանի րոպե առաջ։ Դու ազնիվ ես ու արդարամիտ, և հենց այն միտքը, որ պետք է քեզ բաժանես երկու տղամարդու, սարսափելի է քեզ համար։ Ես քեզ հասկացա։ Դու վաղուց արդեն թույլ չես տալիս ինձ սիրային և ոչ մի հպումի։— Նա ուսերը վեր քաշեց։— Եվ ես այդ ժամանակից ի վեր չեմ էլ ձգտել դրան։

— Ուրեմն, դու, այնուամենայնիվ, գիտեի՞ր։ Հենց առաջին պահի՞ց,— աճապարանքով հարցրեց Պաոլան։

Դիկը գլխով արեց։

— Թերևս,— ասաց նա, կարծես ծանրութեթև անելով իր խոսքերը,— թերևս, արդեն զգում էի այն, ինչ պետք է լիներ, նույնիսկ ավելի շուտ, քան դու ինքդ հասկացար։ Բայց չմտնենք այդ...

— Եվ դու տեսել ես...— վճռեց հարցնել նա ու ամոթահար լռեց աչն մտքից, որ ամուսինը կարող էր ականատես լինել իրենց քնքշություններին։

— Չնվաստացնենք մեզ այդ մանրամասնություններով, Պաոլա։ Բացի այդ, դրա մեջ ոչինչ չի եղել ու չկա։ Ասենք, տեսնելն էլ ավելորդ բան էր։ Ինքս էլ հիշում եմ մեր համբույրները, որոնք գողանում էինք մթության կարճ պահերին, բացի բոլորի ներկայությամբ տրված հրաժեշտներից։ Երբ փաստված են հասունացած սիրո բոլոր, նշանները, չեն կարող թաքնված լինել ձայնի նրբերանգները և սիրային նոտաները, ինչպես նաև փոխադարձ հայացքների ենթագիտակցական քնքշությունները, ինտոնացիաների ակամա նրբությունը, հուզմունքից շունչը բռնվելը... և այդ դեպքում բնավ էլ կարիք չկա տեսնելու գիշերային մի համբույր։ Դա անխուսափելի է։ Եվ հիշիր ընդհանրապես, ի՛մ սիրելի, որ ես բոլոր հարցերում քեզ արդարացնում եմ։

— Բայց... բայց ախր շատ քիչ, այնուամենայնիվ, քիչ բան է եղել,— մրմնջաց նա։

— Ես ծայր աստիճան կզարմանայի, եթե ավելին լիներ։ Դու այդպիսին չես։ Ես զարմանում եմ նաև այդ քչի վրա։ Տասներկու տարի հետո... մի՞թե կարելի էր սպասել։

— Դիկ,— ընդհատեց Պաոլան, հակվելով նրա վրա ու քննախույզ նայելով։ Պաոլան լռեց, բառեր որոնելով, հետո վճռականորեն շարունակեց,— Ասա ինձ, մի՞թե այս տասներկու տարիների ընթացքում դու ավելին չես ունեցել։

— Ես ախր ասացի, որ բոլոր հարցերում քեզ արդարացնում եմ,— խուսափեց նա ուղիղ պատասխանից։

— Բայց դու իմ հարցին չպատասխանեցիր,— պնդեց Պաոլան։— Օ՜հ, ես նկատի չունեմ թռուցիկ սիրախաղը կամ թեթև սիրաշահումները։ Ես նկատի ունեմ անհավատարմությունը բառիս բուն իմաստով։ Չէ՞ որ անցյալում դա եղել է։

— Անցյալում եղել է, բայց շատ հազվադեպ, ու եղել է շա՜տ-շատ վաղուց։

— Ես շատ անգամ եմ մտածել այդ մասին,— նկատեց Պաոլան։

— Ես քեզ ախր ասացի, որ բոլոր հարցերում արդարացնում եմ,— կրկնեց Դիկը։— Եվ հիմա դու գիտես, թե ինչու։

— Ուրեմն, ես էլ եմ ունեցել իրավունք նույն բանի համար... Ի դեպ, ոչ, ոչ, Դիկ, չեմ ունեցել,— արագ ավելացրեց նա։— Համենայն դեպս, դու միշտ քարոզել ես տղամարդու և կնոջ հավասարության մասին։

— Ավա՜ղ, այլևս չեմ քարոզում,— ժպտաց նա։— Մարդու երևակայությունը շատ մեծ ուժ է։ Եվ ես վերջին շրջանում ստիպված եմ եղել փոխել իմ հայացքները։

— Ուրեմն, դու կամենում ես, որ քեզ հավատարի՞մ լինեմ։

Նա գլխով արեց ու ասաց.

— Քանի դեռ ինձ հետ ես ապրում։

— Բայց ո՞ւր մնաց հավասարությունը։

— Ոչ մի հավասարություն էլ գոյություն չունի,— օրորեց նա գլուխը։— Օ՜հ, այո՛, իմ մասին կարելի է ասել, որ ինքս էլ չգիտեմ, թե ինչ եմ ուզում։ Բայց հիմա արդեն... ավա՜ղ, շատ ուշ է։ Ես հայտնագործել եմ այն հինավուրց ճշմարտությունը, որ կանայք այլ են, քան մենք՝ տղամարդիկ։ Այն ամենը, ինչ սովորեցրել են ինձ գրքերն ու տեսությունները, փոշիանում են նույն այն հավերժական փաստի առաջ, որ կանայք՝ մեր երեխաների մայրերն են... Ես... ես... գիտես, մինչև հիմա հույս ունեի, թե մենք երեխաներ կունենանք... Բայց հիմա, իհարկե, էլ ինչի՜ մասին է խոսքը։ Հարցը հիմա կայանում է նրանում, թե ինչպիսին են քո զգացմունքները։ Իմ սիրտը բացեցի քո առաջ։ Իսկ հետո արդեն կվճռենք մեր անելիքը։

— Օ՜հ, Դիկ,— հազիվ խոսեց նա, երբ լռությունը դարձավ չափազանց անտանելի։— Բայց ես ախր սիրում եմ քեզ, ես միշտ կսիրեմ քեզ։ Դու իմ Ալ Ամպն ես։ Գիտես, դեռ երեկ ես քո պատշգամբում էի ու իմ լուսանկարը դեմքով շրջեցի դեպի պատը։ Դա սարսափելի էր։ Եվ ինչ-որ վատ բան կար դրանում։ Ու ես նորից, շտապ-շտապ, շրջեցի այն։

Դիկը մի սիգարեթ վառեց, սպասում էր։

— Բայց դու սիրտդ չբացեցիր, դու ամեն բան չէ, որ ասացիր,— մեղմ կշտամբանքով ասաց նա վերջապես։

— Ես սիրում եմ քեզ,— պատասխանեց Պաոլան։

— Իսկ Իվենի՞ն,

— Դա բոլորովին այլ բան է։ Զարհուրելի է, երբ ստիպված եմ այսպես խոսել քեզ հետ։ Բացի այդ, ես նույնիսկ չգիտեմ... Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ իմ զգացմունքները...

— Իսկ դա ի՞նչ է. սե՞ր, թե՞ սիրային թռուցիկ արկած։ Երկուսից մեկը։

Պաոլան գլուխը շարժեց։

— Հասկացիր ախր,— շարունակեց նա,— ես ինքս էլ չեմ հասկանում ինձ։ Ախր ես կին եմ։ Ինձ չի վիճակվել «կատաղել», ինչպես դուք, տղամարդիկ եք արտահայտվում։ Իսկ հիմա, երբ դա պատահել է, ես չգիտեմ, թե ինչ անեմ։ Ըստ երևույթին Շոուն և մյուսներն իրավացի են։ Կինը գիշատիչ է։ Իսկ դուք՝ երկուսդ, մեծ որս։ Ես անզոր եմ հաղթահարել ինքս ինձ։ Իմ մեջ արթնացել է ինչ֊որ կրակոտ գրգիռ։ Ես ինքս հանելուկ եմ ինձ համար։ Այն, ինչ տեղի է ունեցել ինձ հետ, ոչ մի կերպ չի կապվում իմ հայացքներին ու համոզմունքներին։ Ինձ անհրաժեշտ ես դու, անհրաժեշտ է և Իվենը, երկուսդ էլ անհրաժեշտ եք։ Օ՜հ, հավատա ինձ, սա սիրային էպիզոդ չէ։ Իսկ եթե նույնիսկ այդպես է, ուրեմն ինքս չեմ գիտակցում։ Ոչ, ոչ, այդ չէ։ Ես գիտեմ, որ այդ չէ։

— Ուրեմն, սե՞ր է։

— Բայց ես քե՛զ եմ սիրում, Ալ Ամպ։ Քե՛զ։

— Եվ ասում հս։ որ սիրում ես նրան։ Դու չես կարող սիրել երկուսիս։

— Պարզվում է, որ կարող եմ։ Եվ սիրում եմ։ Երկուսիդ եմ սիրում։ Ախր ես քեզ հետ ազնվորեն եմ խոսում և ուզում եմ, որ ամեն բան հստակ լինի։ Անհրաժեշտ է ելք գտնել... Ես հույս ունեի, թե կօգնես ինձ։ Հանուն, դրա էլ եկա քեզ մոտ։ Որևէ ելք պե՛տք է լինի...

Պաոլան աղերսանքով նայեց նրան։ Դիկն ասաց.

— Երկուսից մեկը կամ նա, կամ ես։ Ուրիշ ելք չեմ տեսնում։

— Նա էլ նույն բանն է ասում։ Իսկ ես համաձայնել չեմ կարող։ Նա ուզում էր անպայման տեղնուտեղը գալ քեզ մոտ, բայց ես թույլ չտվեցի։ Նա կամենում էր մեկնել, իսկ ես անդադար պահում էի նրան, որքան էլ դա ծանր լիներ ձեր երկուսի համար, ես ուզում էի ձեզ միասին տեսնել, ուզում էի համեմատել ու գնահատել ձեզ իմ սրտում։ Ես չեմ կարող հրաժարվել ոչ քեզնից, ոչ էլ նրանից։

— Դժբախտաբար, ինչպես ինքդ էլ տեսնում ես,— սկսեց Դիկը, և նրա աչքերում ակամայից ծիծաղ հայտնվեց,— եթե դու, թերևս, բազմամուսնության հակումներ ունես, ապա մենք, հիմար տղամարդիկ, չենք կարող համաձայնել այդպիսի վճռի հետ։

— Դաժան մի եղիր, Դիկ,— բողոքեց նա։

— Ներիր։ Ես չէի ուզում։ Պարզապես ինձ համար շատ ծանր է, և դա իր տեսակի մեջ անհաջող մի փորձ է փիլիսոփայական արիությամբ վիշտս կրելու համար։

— Ես նրան ասացի, որ բոլոր այն տղամարդկանցից, որոնց ես հանդիպել եմ, միայն նա է հավասար իմ ամուսնուն, բայց իմ ամուսինը, համենայն դեպս, ավելին է։

— Ինչ արած, դու կամեցել ես լոյալ լինել իմ նկատմամբ, և ինքդ քո նկատմամբ,— ասաց Դիկը։— Դու իմն ես եղել մինչև այն րոպեն, երբ ես դադարել եմ քեզ համար աշխարհում ամենահիանալի մարդը լինելուց։ Այդ ժամանակ նա է դարձել ամենահիանալի մարդը։

Պաոլան գլուխն օրորեց։

— Ուզո՞ւմ ես օգնեմ քեզ այս ամենից դուրս գալու համար,— շարունակեց Դիկը։— Դու դեռ չգիտես ոչ քեզ և ոչ էլ քո ցանկություննե՞րը։ Եվ չես կարող ընտրություն կատարել մեր միչև, որովհետև երկուսս էլ անհրաժե՞շտ ենք քեզ համար։

— Այո,— շշնչաց նա։— Բայց դուք ինձ տարբեր կերպ եք անհրաժեշտ։

— Այդ դեպքում ամեն ինչ պարզ է,— վրա բերեց Դիկը։

— Ի՞նչ ես ուզում ասել։

— Ահա թե ինչ, Պաոլա։ Ես տանուլ եմ տվել, Գրեհեմը շահել է։ Մի՞թե չես տեսնում։ Ինքդ ես ասում, որ մեր հնարավորությունները հավասար են և ոչ թե ավելի, թեև ես, պետք է, որ առավելություն ունենայի նրա նկատմամբ, այդ առավելությունը մեր սիրո տասներկու տարիներն են, մեր անքակտելի կապը, մեր զգացմունքներն ու հիշողությունները։ Աստվա՜ծ իմ։ Եթե այդ ամենը դնեիր կշեռքի նրա նժարին, մի՞թե թեկուզ մեկ րոպե կկասկածեիր։ Կյանքում առաջին անգամ սերը քեզ այդպես գերել է, և դա տեղի է ունեցել բավականին ուշ, ահա թե ինչու դժվարանում ես եզրակացություն անել։

— Բայց, Դիկ, քո նկատմամբ ունեցած զգացումն էլ է ախր գերել ինձ։

Նա շարժեց գլուխը։

— Ես կամեցել եմ միշտ այդպես մտածել, հաճախ դրան նույնիսկ հավատ եմ ընծայել, բայց լիակատար երբեք չեմ հավատացել։ Ինձ հետ դու երբեք գլուխդ չես կորցրել, նույնիսկ սկզբում, երբ երկուսիս էլ պտտում էր ինչ-որ պտուտահողմ։ Թերևս, դու հմայված ես եղել, բայց մի՞թե խենթացել ես, ինչպես ես, մի՞թե այրվել ես կրքից։ Ես առաջինն եմ քեզ սիրել...

— Եվ ինչպես ես կարողացել սիրել ինձ...

— Ես սիրել եմ քեզ, Պաոլա, ու թեև դու պատասխանել ես ինձ, սակայն քո զգացմունքը եղել է ուրիշ, քան իմը, դու երբեք գլուխդ չես կորցրել։ Իսկ Իվենի հետ, ինչպես երևում է, կորցնում ես։

— Ինչպե՜ս կուզենայի հաստատ իմանալ,— մտահոգ ւասաց Պաոլան։— Երբեմն ինձ թվում է, որ հենց այդպես է, բայց հետո դարձյալ կասկածում եմ։ Ե՛վ մեկը և՛ մյուսը անհամատեղելի են։ Գուցե ոչ մի տղամարդ ընդունակ չէ ամբողջապես գերելու ինձ... Իսկ դու ամենաչնչին կերպով իսկ չես ուզում օգնել ինձ։

— Միայն դու, միայն դու կարող ես ամեն բան վճռել, Պաոլա,— խստորեն ասաց նա։

— Ուրեմն, օգնիր ինձ, թեկուզ շատ քիչ։ Դու նույնիսկ չես ջանում ինձ պահել,— պնդեց Պաոլան։

— Ես անուժ եմ։ Իմ ձեռքերը կապված են։ Քեզ պահելու համար ես ոչ մի շարժում չեմ կարող անել։ Դու չես կարող ինքդ քեզ բաժանել երկուսի միջև։ Դու եղել ես նրա գրկում...— Ձեռքի շարժումով Դիկը զսպեց նրա առարկությունը։— Խնդրում եմ, խնդրում եմ, սիրելիս, պետք չէ... Դու եղել ես նրա գրկում և վախեցած թռչնակի պես դողդողում ես թեկուզև այն մտքից, որ ես կարող եմ շոյել, սիրել քեզ։ Մի՞թե չես տեսնում։ Քո արարքները հարցը լուծում են ոչ իմ օգտին։ Քո մարմինը ուրիշին է ընտրել։ Նրա գրկախառնությունները դու հանդուրժում ես։ Իսկ իմ մասին եղած միտքն անգամ քեզ հեռու է վանում։

Պաոլան դանդաղ, բայց համոզված, շարժեց գլուխը։

— Բայց և այնպես՝ չգիտեմ, չեմ կարող վճռել,— պնդեց նա։

— Բայց դու պեւտք է վճռես։ Ստեղծված վիճակն անտանելի է, ինչ-որ բան է անհրաժեշտ ձեռնարկել, որովհետԽ Իվենի գնալու ժամանակն է։ Հասկանո՞ւմ ես։ Կամ դու գնա։ Երկուսով այստեղ մնալ չեք կարող։ Մի շտապիր։ Ամեն բան կշռադատիր։ Ուղարկիր Իվենին։ Կամ, ասենք, մի առ ժամանակ հյուր գնա հորաքույր Մարթայի մոտ։ Մեր երկուսից հեռու, թերևս, ամեն բան կդառնա ավելի հստակ։ Չհետաձգե՞նք արդյոք այսօրվա որսորդությունը։ Ես մենակ կմեկնեմ, իսկ դու մնա և խոսիր Իվենի հետ։ Կամ դուրս եկեք զբոսանքի ու խոսեք ճանապարհին։ Այսպես թե այնպես, ես շատ ուշ կվերադառնամ տուն։ Գուցե ես կգիշեըեմ տավարածներից մեկնումեկի խրճիթում։ Բայց երբ վերադառնամ, թող Իվենն այլևս այստեղ չլինի։ Դու էլ կմեկնես նրա հետ, թե ոչ՝ դա էլ պետք է վճռված լինի մինչև իմ վերադարձը։

— Իսկ եթե ե՞ս հեռանամ,— հարցրեց նա։

Դիկը ուսերը վեր քաշեց, ոտքի ելավ ու նայեց ժամացույցին։

— Ես Բլեյքին լուր եմ ուղարկել, որ այսօր շուտ գա,— բացատրեց Դիկը և քայլեց դեպի դուռը՝ ասես նրան դուրս հրավիրելով։

Շեմքին Պաոլան կանգ առավ ու սեղմվեց նրան։

— Համբուրիր ինձ, Դիկ,— ասաց նա ու ավելացրեց.— Ոչ թե այդ... սիրո համբույրը...— նրա ձայնը հանկարծ նվաղեց։— Այլ այն առումով, որ եթե հանկարծ ես... վճռեմ հեռանալ....

Քարտուղարն արդեն գալիս էր միջանցքով, բայց Պաոլան հապաղում էր։

— Բարի լույս, միստր Բլեյք,— ողջունեց նրան Դիկը։— Ցավում եմ, որ ստիպված եղա այսքան վաղ անհանգստացնել ձեզ։ Ամենից առաջ, բարի եղեք, զանգահարեցեք միստր Էգերին ու միստր Փիթսին. այս առավոտ ես նրանց հետ հանդիպել չեմ կարող։ Մյուսներին էլ հետաձգեցեք վաղը։ Միստր Հենլիին ասացեք, որ ես լիովին խրախուսում եմ նրա ծրագիրը Բյուքենյան ամբարտակի վերաբերյալ։ Թող ավելի վճռականորեն գործի։ Միստր Մենդենհոլլի և միստր Մենսոնի հետ, այնուամենայնիվ, այսօր կտեսնվեմ։ Ասացեք նրանց, որ սպասում եմ ինն անց կեսին։

— Մի բան էլ, Դիկ...— ընդհատեց նրան Պաոլան։— Մի մոռացիր, որ այդ ես եմ նրան ստիպել մնալ։ Նա մնացել է ոչ իր մեղքով, ոչ իր կամքով։ Այդ ես եմ նրան պահել։

— Իվենն իսկապես կորցրել է գլուխը,— ժպտաց Դիկը։— Դատելով այն ամենից, ինչ ես գիտեմ նրա մասին, դժվար էր հասկանալ, թե նա ինչպես տեղնուտեղը չի մեկնել նման իրադրության պայմաններում։ Բայց եթե դու նրան թույլ չես տվել, իսկ նա կորցրել է գլուխը, ինչպես միայն կարող է մարդ կորցնել գլուխը այնպիսի կնոջ համար, որպիսին դու ես, ապա ամեն բան պարզ է։ Նա ավելի քան բարեկիրթ մարդ է։ Այդպիսիները հազվադեպ են հանդիպում։ Եվ նա քեզ երջանկություն կպարգևի...

Պաոլան ձեռքը բարձրացրեց, ասես կամենալով պահել նրան։

— Չգիտեմ, կարո՞ղ եմ արդյոք կյանքում դեռ երջանիկ լինել, Ալ Ամպ։ Երբ տեսնում եմ քո դեմքը... Եվ հետո, ես ախր գոհ և երջանիկ եմ եղել այս տասն երկու տարիների ընթացքում... Ես դա երբեք չեմ մոռանա։ Ահա թե ինչու եմ անզոր՝ ընտրություն կատարելու համար։ Բայց դու իրավացի ես։ Հասել է այն ժամը, որ ես պետք է լուծեմ այդ...— նա կարկամեց։ Դիկը կռահեց, որ նա չի կարողանում ստիպել իրեն արտասանելու «եռանկյունի» բառը,— քանդել այդ հանգույցը,— ասաց նա, ու ձայնը դողաց։— Մենք բոլորս էլ կգնանք որսորդության։ Իսկ ճանապարհին ես կխոսեմ նրա հետ ու կխնդրեմ, որպեսզի հեռանա, անկախ այն բանից, թե հետագայում ինչպես կվարվեմ ինքս։

— Քո փոխարեն՝ ես չէի շտապի վճիռ կայացնել,— ասաց Դիկը։— Դու գիտես, ես անտարբեր եմ բարոյականության նկատմամբ և այն ընդունում եմ, երբ օգտակար է։ Բայց տվյալ դեպքում կարող է հույժ օգտակար լինել։ Դուք կարող եք երեխաներ ունենալ... Ո՛չ, ո՛չ, խնդրում եմ, մի առարկիր,— զսպեց նա կնոջը։— Իսկ նման դեպքերում ամեն տեսակի նախապաշարումները, նույնիսկ անցյալի մասին, հազիվ թե ցանկալի լինեն։ Սովորական կարգով ամուսնալուծությունը չափից դուրս ավելորդ գլխացավանք է։ Ես այնպես կանեմ, որ դու միանգամայն օրինավոր կերպով ազատություն ստանաս, և կկարողանաս խնայել գոնե մեկ տարի։

— Եթե ես վճռեմ այդ քայլը կատարել,— նկատեց կինը գունատ մի ժպիտով։

Դիկը գլխով արեց։

— Բայց ես կարող եմ վճռել այլ կերպ նաև։ Ինքս էլ դեռ չգիտեմ։ Գուցե այս ամենը երազ է, և ես շուտով կարթնանամ, ու ներս կմտնի Օյ֊Լյան և կասի, որ ես քնել եմ շատ երկար ու խորը...

Պաոլան չուզենալով՝ հեռացավ, բայց, մի քանի քայլ անելով, հանկարծ նորից կանգնեց։

— Դիկ,ձայն տվեց նա,— դու իմ առջև բացեցիր քո սիրտը, բայց չասացիր, թե ինչ կա մտքումդ։ Ոչ մի հիմարություն չանես։ Հիշիր Դեննի Հոլբրուքին։ Տես, որ որսի ժամանակ ոչ մի դժբախտ պատահար չլինի։

Դիկը շարժեց գլուխն ու հեգնանքով կկոցեց աչքերը, ձևացնելով, թե նման կասկածանքը համարում է բավականին զվարճալի, միևնույն ժամանակ զարմանալով, թե որքան ճիշտ է կռահել Պաոլան իր մտադրությունը։

— Եվ այս ամենը թողնել բախտի քմահաճույքի՞ն,— ստեց նա, մի լայն շարժում կատարելով, ասես ուզում էր ընդգրկել և՛ կալվածքը, և՛ իր բոլոր ծրագրերը։— Եվ ներցեղային խաչաձևման մասին իմ գի՞րքը։ Եվ առաջին ցուցավաճառքը իմ կալվածքո՞ւմ։

— Իհարկե, դա հիմար բան կլիներ,— համաձայնեց Պաոլան՝ պայծառացած։— Բայց Դիկ, վստահ եղիր, խնդրում եմ քեզ, վստահ եղիր, որ իմ անվճռականությունը բնավ չի կապված...— Պաոլան դարձյալ կարկամեց, որոնելով համապատասխան բառեր, հետո կրկնելով Դիկի շարժումը, նույնպես ցույց տվեց իր շուրջը, ասես ընդգրկելով Մեծ տունը՝ բոլոր գանձերի հետ մեկտեղ։— Այս ամենը ոչ մի դեր չեն խաղում։ Ազնվորեն։

— Կարծես չգիտեմ,— հանգստացրեց Դիկը։— Անշահախնդիր բոլոր կանանց մեջ դու ամենա...

— Եվ գիտես, Դիկ,— ընդհատեց Պաոլան մի նոր մտքի ազդեցության տակ,— եթե ես այդպես խենթորեն սիրելիս լինեի Իվենին, ինձ համար նշանակություն չէր ունենա ոչինչ, և ես, ի վերջո, կհաշտվեի նաև «դժբախտ պատահարի» հետ, եթե ուրիշ ելք չկա... Բայց տեսնում ես, ինձ համար դա անհնարին բան է։ Ահավասիկ քեզ մի դժվար խնդիր։ Հապա, լուծիր։

Պաոլան դժկամորեն մի քանի քայլ արեց, հետո, գլուխը շրջելով, կիսաձայն ասաց.

— Ալ Ամպ, ես շա՜տ, շա՜տ եմ ցավում, և... ես այնքա՜ն ուրախ եմ, որ դու ինձ սիրում ես դեռ։

Մինչև Բլեյքի վերադարձը, Դիկը հասցրեց հայելու մեջ դիտել իր դեմքը, նախորդ օրը հյուրերին այդպես ապշեցրած արտահայտությունը, ասես, ընդմիշտ կնքվել էր նրա դեմքին։ Այլևս ոչնչով ջնջել չի լինի։ «Ի՞նչ արած,— ինքն իրեն ասաց Դիկը,— չի կարելի ծամել սեփական սիրտն ու կարծել, թե ոչ մի հետք չի մնա»։

Նա գնաց իր պատշգամբն ու նայեց ծանրաչափի տակ գտնվող Պաոլայի լուսանկարին։ Դեմքով շրջեց դեպի պատն ու, նատելով մահճակալին, մի առ ժամանակ զննեց շրջանակի դատարկ ուղղանկյունը։ Հետո դարձյալ շրջեց այն դեմքով դեպի սենյակը։

— Խե՜ղճ աղջիկ,— շշնջաց նա։— Դժվար բան է այդքան ուշ արթնանալը։

Բայց երբ նայեց նրա լուսանկարին, հանկարծ Դիկի առջև հառնեց մեկ այլ տեսարան. լուսնի լույսով ողողված Պաոլան սեղմվում է Գրեհեմին ու ձգվում դեպի նրա շուրթերը։

Դիկն արագ ոտքի ելավ ու թափ տվեց գլուխը, որպեսզի հեռու վանի այդ տանջող տեսիլը։

Ինն անց կեսին նա մի կողմ դրեց նամակներն ու հավաքեց սեղանը, թողնելով միայն շորթհորնների ու շիրերի մասին կառավարիչների հետ ունենալիք զրույցի նյութերը։

Նա կանգնեց պատուհանի մոտ և, ձեռքը թափահարելով, հրաժեշտ տվեց Լյութին ու Էրնեստինային, որոնք նստում էին լիմուզին. այդ պահին ներս մտավ Մենդենհոլլը, իսկ քիչ անց՝ նաև Մենսոնը։ Կարճատև խոսակցության ընթացքում Դիկը կարողացավ, ասես թռուցիկ կերպով, նրանց հայտնել ապագայի վերաբերյալ իր հիմնական ծրագրերը։

— Մենք պետք է շատ ուշադիր հետևենք Պոլս Արքայի արական սերնդին,— ասաց նա Մենսոնին։— Ամեն ինչից պարզ է, որ եթե վերցնենք Գեղեցկուհուն կամ Ալթերտա Կույսին, կամ Նելլի Սիգնելին, նրանից կստանանք շատ ավելի լավ ժառանգներ։ Մենք մինչև հիմա այդ բանը չենք արել, բայց կարծում եմ, որ եկող տարի, կամ ամենից ուշ՝ մեկ տարի անց, Պոլո Արքան կդառնա որևէ նշանավոր արտադրող ցուլի հայր։

Ինչպես Մենսոնի, այնպես էլ Մենդենհոլլի հետ զրույցի ընթացքում Դիկին հաջողվեց աննկատելիորեն հուշել գործնական այն եղանակները, որոնցով նրա կալվածքում պետք է տեղի ունենար նոր ցեղերի ստեղծումը։

Երբ նրանք գնացին, Դիկը ներքին հեռախոսով կանչեց Օ-Երգին և կարգադրեց Գրեհեմին առաջնորդել աշխատասենյակ, որպեսզի ընտրի հրացանն ու այն ամենը, ինչ անհրաժեշտ է։

Խփեց ժամը տասնմեկը։ Նա չգիտեր, որ Պաոլան գրադարանից, պատի մեջ թաքնված սանդուղքով բարձրացել ու այժմ, գրապահարանների հետևում կանգնած, ականջ է դրել։ Պաոլան կամենում էր ներս մտնել, բայց նրան պահեց Դիկի ձայնը։ Նա լսեց, թե ինչպես Դիկը հեռախոսով խոսում է Հենլիի հետ Բյուքենյան ամբարտակի ջրհոսների մասին։

— Ի դեպ,— ասաց Դիկը,— դուք ծանո՞թ եք Մեծ Միրամարի մասին եղած տեղեկություններին... Շատ լավ... Չհավատաք դրանց։ Ես սկզբունքորեն համաձայն չեմ։ Ջուր կա։ Ես չեմ կասկածում, որ այնտեղ ստորգետնյա ջրեր կան։ Ուղարկեցեք հորատող մեքենաներ, թող շարունակեն հետախուզական աշխատանքները։ Այնտեղի հողը չափազանց պտղաբեր է ու եթե մենք առաջիկա հինգ տարիների ընթացքում այդ չորաստանի շահութաբերությունը տասն անգամ չբարձրացնենք...

Պաոլան հառաչեց ու դարձյալ սանդուղքով իջավ գրադարան։

«Ալ Ամպը անուղղելի է. նա անդադար ցանում է իր կաղինները։ Նրա սերը փլվում է, իսկ նա անվրդով զրուցում է ամբարտակների ու ջրհորների մասին, որպեսզի ապագայում հնարավոր լինի ավելի շատ կաղին ցանել»։

Դիկն այնպես էլ չիմացավ, որ Պաոլան իր վշտով այցելել է նրան ու անաղմուկ հեռացել։ Նա դարձյալ դուրս եկավ պատշգամբ, բայց ոչ թե աննպատակ, այլ որպեսզի վերջին անգամ աչքի անցկացնի մահճակալի մոտ, փոքրիկ սեղանի վրա գտնվող նոթատետրը։ Այժմ նրա տանն ամեն բան կարգին է։ Մնում է միայն ստորագրել այն, ինչ առավոտյան թելադրել է, ու պատասխանել մի քանի հեռագրերի, հետո՝ նախաճաշ կլինի, հետո՝ որսորդություն Սայքամորյան բլուրներում... Օ՜հ, նա այդ բանը շատ մաքուր կանի։ Մեղավորը կլինի Քմահաճը։ Նույնիսկ վկա կունենա՝ Ֆրեյլիգը կամ Մարտինեսը։ Բայց ոչ երկուսը միասին։ Մեկն էլ միանգամայն բավական է, որպեսզի տեսնի, թե ինչպես է պատռվում մարթինգալը, իսկ ձին ծառս է լինում և կողքի վրա շրջվում՝ տրորելով նրան իր տակ։ Եվ այդ ժամանակ թավուտից կլսվի կրակոց, որը մի ակնթարթում դժբախտությունը կդարձնի աղետ։

Մարտինեսը քանդակագործից ավելի տպավորվող է, բայց շատ ավելի հարմար վկա, մտածում էր Դիկը։ Պետք է այնպես անել, որ հատկապես Մարտինեսը լինի կողքին, երբ Դիկը կթեքվի դեպի արահետը, որտեղ Քմահաճը պետք է թամբից ցած նետի իրեն։ Մարտինեսը ձիերից ոչինչ չի հասկանում։ Ավելի լավ։ Լավ կլիներ, մտածեց Դիկը, որ աղետից երկու րոպե առաջ Քմահաճին ստիպեր կարգին կատաղել։ Դա հետագա ընթացքին ավելի շատ ճշմարտացիություն կհաղորդի։ Բացի այդ, դա կհուզի Մարտինեսի ձիուն, ինչպես նաև Մարտինեսին, և նա չի հասցնի ինչպես նա տեսնել այդ բոլորը։

Հանկարծ Դիկը սեղմեց ձեռքերը՝ անսպասելի մի ցավով բռնված։ Փոքրիկ տիրուհին, հավանաբար խելագարվել է, այլապես կարելի՞ էր այդպիսի դաժանություն ցուցաբերել, մտածեց նա, լսելով, թե ինչպես երաժշտական սենյակի բաց պատուհանից հնչում են «Գնչուների արահետով» երգը կատարող Պաոլայի ու Գրեհեմի ձայները։

Քանի դեռ երգում էին, նա չէր թուլացնում սեղմած ձեռքերը։ Իսկ նրանք այդ անվեհեր, անհոգ երգը երգեցին մինչև սանձարձակ ավարտը։ Դիկը դեռևս կանգնած էր, խորասուզված իր մտքերի մեջ, իսկ Պաոլան անհոգությամբ ծիծաղում էր Գրեհեմից բաժանվելուց հետո, ծիծաղում էր լայնարձակ բակում ծիծաղում էր իր կողաշենքում՝ Օ-Տուրին կշտամբելով ինչ֊որ մեղքի համար։

Հետո հեռուներից հասավ Լեռնցու հազիվ լսելի, սակայն բնորոշ կանչը։ Իշխանաբար մռնչաց Պոլո Արքան։ Նրանց պատասխանեցին զամբիկների ու կովերի հարեմները։ Դիկն ականջ դրեց սիրային այդ մռնչոցին, խրխինջին ու կանչին և, հոգոց հանելով, ասաց.

— Դեհ, այսպես թե այնպես, ես երկրին օգուտ եմ տվել։ Այդ մտքով կարելի է հանգիստ քնել։

Գլուխ XXXI

Մահճակալի վրա կախված հեռախոսի զանգը Դիկին ստիպեց վեր կենալ ու վերցնել լսափողը։ Լսելով՝ նա միաժամանակ նայում էր բակից այն կողմ գտնվող Պաոլայի կողաշենքին։ Բոնբրայթը հայտնում էր, որ նրա հետ կկամենար հանդիպել Չոնսի Բիշոփը, որն ավտոմեքենայով ժամանել էր Էլդորադոյից։ Բիշոփը «Սան-Ֆրանցիսկոյի նորություններ» թերթի տնօրենն էր ու խմբագիրը և Դիկի հինավուրց բարեկամը։

— Դուք կհասնեք ճիշտ նախաճաշին,— ասաց Դիկը Բիշոփին։— Եվ գիտեք, ինչո՞ւ մեզ մոտ չգիշերեք... Աստված նրանց՝ ձեր այդ հատուկ թղթակիցների հետ։ Մենք այսօր գնում ենք պումաներ որսալու, և անպայման հաջող որս կլինի... Արդեն հետապնդել են։ Թղթակցուհի՞։ Ինչի՞ մասին պետք է գրի... Թող զբոսնի կալվածքում և մի տասնյակ սյունակի համար նյութեր հավաքի, իսկ թղթակիցը կգա մեզ հետ ու կնկարագրի որսը։ Դե, իհարկե՜, իհարկե՜... Ես նրան կնստեցնեմ ամենազուսպ ձիուն, որի հետ երեխան էլ լեզու կգտնի։

«Որքան շատ մարդիկ լինեն, այնքան հետաքրքիր է. հատկապես, եթե գան այդ լրագրողները,— յուրովի ծիծաղեց Դիկը։— Նույնիսկ Ջոնաթան Ֆորրեսթ պապիկը չկարողացավ այսպես բեմադրել իր ավարտը»։

«Ինչպե՞ս Պաոլան կարողացավ այնքան դաժան լինել, որ մեր զրույցից անմիջապես հետո երգեց «Գնչուների արահետով» երգը»,— յուրովի հարցնում էր Դիկը. նա լսափողը չէր կախել ու լսում էր թղթակցին որսի գնալու համոզող Բիշոփի ձայնը։

— Շատ լավ։ Բայց շտապեցեք,— ասաց Դիկը՝ Բիշոփի հետ խոսակցությունն ավարտելով։— Ես հիմա կհրամայեմ թամբել ձիերը, իսկ դուք կստանաք նույն երիվարը, որին հեծել էիք անցյալ անգամ։

Հազիվ էր նա կախել լսափողը, երբ հեռախոսը դարձյալ զանգահարեց։ Այժմ խոսողը Պաոլան էր։

— Ալ Ամպ, սիրելի Ալ Ամպ,—ասաց նա։— Քո բոլոր դատողությունները սխալ են։ Ըստ իս, քեզ ավելի եմ սիրում։ Ես հիմա հարցը լուծում եմ և, ինչպես երևում է, քո օգտին։ Եվ որպեսզի օգնես ինձ, որպեսզի կարողանամ մեկ անգամ էլ ստուգել ինքս ինձ... կրկնիր այն, ինչ ասացիր այսօր... «Ես սիրում եմ մի կնոջ, եզակի կնոջ միայն... Տասներկու տարի տիրելուց հետո շարունակում եմ նրան սիրել խենթորեն, քնքշությամբ ու խենթորեն»... Մի անգամ էլ կրկնիր, Ալ Ամպ։

— Ես իրոք սիրում եմ մի կնոջ, եզակի կնոջ միայն,— սկսեց Դիկը։— Տասներկու տարի տիրելուց հետո շարունակում եմ նրան սիրել խենթորեն, քնքշությամբ ու խենթորեն...

Եվ Դիկը լռեց, տիրեց մի դադար, և նա, պատասխանի սպասելով, վախենում էր խզել այդ դադարը։

— Հետո ես քեզ ուզում էի մի բան էլ ասել,— սկսեց Պաոլան շատ կամաց, շատ մեղմ ու շատ հասկանալի։— Ես սիրում եմ քեզ։ Երբեք այդքան սաստիկ չեմ սիրել, որքան այս րոպեներին։ Տասներկու տարի անց ես վերջապես կորցնում եմ գլուխս։ Եվ այդպես եղել է հենց առաջին րոպեից, միայն թե ինքս չեմ հասկացել։ Հիմա ես մեկընդմիշտ վճռել եմ արդեն։

Պաոլան կտրուկ կախեց լսափողը։

Իսկ Դիկն ինքն իրեն ասաց, որ այժմ գիտե, թե ինչպես է իրեն զգում այն մարդը, որը ներում է ստացել մահապատժից մեկ ժամ առաջ։ Նա նստեց, երկար նստեց, մտքերի մեջ սուզված, լսափողը ձեռքին, ու սթափվեց այն ժամանակ միայն, երբ գրասենյակից դուրս եկավ Բոնբրայթը։

— Հենց հիմա զանգահարեց միստր Բիշոփը,— զեկուցեց Բոնբրայթը։— Նրա մեքենայի սռնին կոտրվել է։ Ես համարձակություն ունեցա նրա հետևից ուղարկել մեր մեքենաներից մեկը։

— Թող մերոնք նորոգեն ջարդվածքը,-֊ասաց Դիկը։

Նորից մենակ մնալով՝ նա ոտքի ելավ ու քայլեց սենյակում։

— Դեհ, Մարտինես, բարեկամս,— ասաց նա բարձրաձայն,— դուք երբեք չեք իմանա, թե որքա՜ն հրաշալի դրամատիկ բեմադրության մեջ կկարողանաք այսօր մասնակցություն ունենալ։

Նա զանգահարեց Պաոլային։

Պատասխանեց Օյ֊Լյան և անմիջապես հեռախոսի մոտ կանչեց իր տիրուհուն։

— Ես մի երգ ունեմ, որ կուզենայի երգել քեզ համար, Պոլի։— Եվ Դիկը երգեց նեգրերի հինավուրց հոգևորական երգը.

Քեզ համար, քեզ համար,
Քեզ համար, ֆեզ համար,
Ամեն ոք պատասխան է տալիս
Քեզ համար...

Ես ուզում եմ, որ դու կրկնես այն խոսքերը, որոնք հենց նոր ասացիր՝ քո կողմից, քո կողմից...

Պաոլան ծիծաղեց այնպիսի կարկաչուն ծիծաղով, որ Դիկի սիրտը թրթռաց բերկրանքից։

— Ալ Ամպ, ես սիրում եմ քեզ։ Ես վճռել եմ. աշխարհում, բացի քեզանից, ոչ ոք գոյություն չի ունենա ինձ համար։ Իսկ հիմա, սիրելիս, թույլ տուր հագնվեմ։ Առանց այդ էլ նախաճաշից ուշացել ենք։

— Կարելի՞ է գալ քեզ մոտ... Մեկ րոպեով,— խնդրեց Դիկը։

— Ոչ հիմա, անհամբեր։ Տասը րոպե հետո։ Թող վերջացնեմ Օյ-Լյայի հետ իմ գործերը։ Եվ ես պատրաստ կլինեմ որսի գնալու համար։ Ես կհագնեմ որսորդական իմ կոստյումը, գիտես, այն կանաչը՝ կարմրավուն թևածալերով ու երկար փետուրով կոստյումը... ինչպես Ռոբին Հուդինն էր։ Եվ հետս կվերցնեմ երեսուն֊երեսուն իմ հրացանը։ Դա բավականին ծանր է պումաների համար։

— Դու ինձ մեծ երջանկություն պարգևեցիր,— ասաց Դիկը։

— Իսկ ես քո պատճառով ուշանում եմ։ Կախիր լսափողը։ Ալ Ամպ, այս րոպեին ես քեզ ավելի եմ սիրում...

Նա լսեց, թե ինչպես Պաոլան կախեց լսափողը, և զարմանքով նկատեց, որ չգիտես ինչու, չի ապրում այն երջանկությունը, որ պետք է զգար։ Թվում էր, որ Պաոլան ու Գրեհեմը ինքնամոռացությամբ դեռ երգում են գնչուական կրքոտ երգը։

Մի՞թե նա խաղ է արել Իվենի հետ։ Կամ էլ խաղացել է իր՝ Դիկի հետ։ Ոչ, դա նրա կողմից ուղղակի անհնարին բան կլիներ, աներևակայելի բան։ Մտորելով այս մասին՝ Դիկը նորից տեսավ նրան լուսնի լույսի տակ. Պաոլան սեղմվում է Գրեհեմին, շրթունքները որոնում են նրա շրթունքները...

Դիկը տարակուսանքով օրորեց գլուխը և նայեց ժամացույցին։ Համենայն դեպս, տասը րոպե հետո, տասը րոպեից էլ շուտ... ինքը գրկած կլինի Պաոլային և այդ ժամանակ ամեն բան հաստատ կիմանա։

Այնքան երկար թվաց նրա համար այդ ժամկետը, որ այլևս չսպասելով, դանդաղ քայլեց Պաոլայի մոտ, կանգ առավ սիգարեթը վառելու համար, մի անգամ ծուխը ներշնչելուց հետո նետեց այն ու դարձյալ կանգ առավ՝ ականջ դնելով գրասենյակից հասնող գրամեքենաների չխկչխկոցին։

Դեռ երկու րոպե ուներ, բայց գիտենալով, որ մեկ րոպեն էլ բավական է առանց բռնակի ըղձալի դռանը հասնելու համար, նա մի փոքր էլ կանգնեց բակում՝ հիանալով ջրավազանում լողացող վայրի դեղձանիկներով։

Այն պահին, երբ թռչնակները վախեցած վեր խոյացան ու կախվեցին օդում ալմաստա֊ոսկեգույն ամպի պես, Դիկը ցնցվեց, Պաոլայի կողաշենքից լսվեց կրակոց, և ձայնից նա իմացավ, որ կրակել է կնոջ 30-30 հրացանը։ Նա բակի միջով նետվեց դեպի կողաշենքը... «Պաոլան կանխեց ինձ»,— անմիջապես անցավ նրա մտքով։ Եվ այն, ինչ մեկ րոպե առաջ նրան անհասկանալի էր թվում, դարձավ անողոքորեն հստակ, ինչպես այդ կրակոցը։

Եվ մինչ նա վազում էր բակով ու աստիճաններով, իր հետևից բաց թողնելով դռները, ուղեղում պտտվում էր նույն միտքը. «Պաոլան կանխեց ինձ։ Պաոլան կանխեց ինձ»։

Պաոլան պառկել էր կծկված ու ցնցվում էր, հագին որսորդական կոստյումն էր, միայն թե առանց բրոնզե փոքրիկ խթանների, որոնք գտնվում էին վախեցած, իրեն կորցրած չինացի կնոջ ձեռքին։

Դիկն անմիջապես քննեց Պաոլային, թեև գիտակցությունը կորցրել էր, բայց շնչում էր։ Գնդակը ծակել անցել էր ձախ կողմից։ Դիկը նետվեց դեպի հեռախոսը։ Սպասելով, մինչև տնային կայանը միացնի նրան, ում հետ անհրաժեշտ է, նա աղոթում էր նախախնամությանը, որպեսզի Հեննեսին ախոռում լինի։ Հեռախոսին մոտեցավ ախոռապանը, և մինչ նա վազեց անասնաբույժի հետևից, Դիկը Օ-Երգին հրամայեց չհեռանալ կոմուտատորից և անմիջապես կանչել Օ֊Տուրին։

Աչքի ծայրով նա տեսավ Գրեհեմին, որը խուժեց սենյակ ու նետվեց դեպի Պաոլան։

— Հեննեսի,— կարգադրեց Դիկը,— ես ձեզ սպասում եմ, եկեք հնարավորին չափ շուտ։ Վերցրեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է առաջին օգնության համար։ Միսիս Պաոլայի հրացանը բացվել է... գնդակն անցել է սրտի կամ թոքի միջով, գուցե և երկուսի միջով միաժամանակ։ Եկեք ուղղակի միսիս Ֆորրեսթի ննջարանը։ Միայն թե շուտ...

— Ձեռք չտաք նրան,— կոպտորեն ասաց նա Գրեհեմին։— Դա կվնասի... արյունազեղում կառաջացնի։

Հետո նա դարձյալ նետվեց դեպի Օ-Երգը։

— Քալլաքանին արագընթաց մեքենայով ուղարկեցեք Էլդորադո։ Ասացեք նրան, որ ճանապարհին կհանդիպի դոկտոր Ռոբինսոնին, թող վերցնի ու որքան հնարավոր է արագ տեղ հասցնի։ Թող սատանայի պես վարի մեքենան։ Ասացեք, որ միսիս Ֆորրեսթը վիրավոր է, և կյանքը կարող է նրանից կախված լինել։

Առանց լսափողը կախելու, նա շրջվեց, որպեսզի նայի Պաոլային։

Գրեհեմը կանգնած էր նրա վրա հակված, բայց ձեռք չէր տալիս, նրանց հայացքներն իրար հանդիպեցին։

— Ֆորրեսթ,— սկսեց նա,— եթե այդ դուք եք...

Բայց Դիկը ընդհատեց նրան, հայացքով ցույց տալով չինուհի նաժիշտին, որը դեռևս իրեն կորցրած ու լուռ բռնել էր բրոնզե խթանները։

— Այդ մասին կխոսենք հետո,— ասաց նա ու լսափողը դարձյալ մոտեցրեց շուրթերին։— Դոկտոր Ռոբինսո՞ն... Միսիս Ֆորրեսթի թոքով կամ սրտով, գուցե և երկուսի միջով էլ միաժամանակ ծակել անցել է գնդակը։ Քալլաքանը դուրս է եկել մեքենայով։ Դուք էլ մեքենայով դուրս եկեք նրան ընդառաջ, քշեցեք որքան հնարավոր է արագ։

Երբ Դիկը, ծնկի իջնելով, դարձյալ հակվեց Պաոլայի վրա ու սկսեց քննել նրան, Գրեհեմը հեռու քաշվեց։

Քննությունը շատ կարճ տևեց։ Դիկը նայեց Գրեհեմին ու գլուխն օրորեց.

— Նրան ձեռք տալը չափազանց վտանգավոր է։

Հետո դարձավ դեպի չինուհին։

— Որևէ տեղ դրեք այդ խթանները ու բարձեր բերեք։ Իսկ դուք, Իվեն, մյուս կողմից բարձրացրեք նրան, Առանց շտապելու։ Օյ-Լյա, դրեք բարձը... զգույշ... զգույշ...

Հայացքը վեր բարձրացնելով՝ նա տեսավ հրամանի սպասող Օ-Տուրին։

— Միստր Բոնբրայթին խնդրեցեք կոմուտատորի մոտ փոխարինել Օ-Երգին, իսկ Օ-Երգը թող կանգնի այստեղ ու անմիջապես կատարի այն, ինչ անհրաժեշտ է։ Եվ թող Օ-Երգը բոլոր ծառաներին հավաքի. նրանք ամեն րոպե կարող են անհրաժեշտ լինել։ Հենց որ Սոնդերսը միստր Բիշոփի ու մյուսների հետ վերադառնա, թող անմիջապես մեկնի Էլդորադո՝ Քալլաքանին ընդառաջ, համենայն դեպս, եթե արագընթաց մեքենան փչանա... Օ-Երգին ասացեք՝ թող որոնի միստր Մենսոնին ու միստր Փիթսին և բոլոր կառավարիչներին, ովքեր ավտոմեքենա ունեն, թող բոլորը գան այստեղ ու սպասեն իրենց մեքենաներով։ Եվ թող Օ-Երգը ընդունի ու տեղավորի Բիշոփին և նրա ուղեկիցներին, ինչպես որ հարկն է։ Իսկ դուք վերադարձեք այստեղ, որպեսզի ամեն րոպե լինեք իմ տրամադրության տակ։

Դիկը դարձյալ շրջվեց նաժիշտի կողմը։

— Իսկ այժմ պատմեցեք, թե ինչպես պատահեց։

Օյ-Լյան օրորեց գլուխն ու սկսեց կոտրատել ձեռքերը։

— Դուք որտե՞ղ էիք, երբ հրացանը կրակեց։

Չինոլհին, արցունքները կուլ տալով, ցույց տվեց հանդերձարանի դուռը։

— Դեհ, խոսեցեք,—հրամայեց Դիկը։

— Միսիս Ֆորրեսթը կարգադրեց պատրաստել խթանները... Ես դրանք մոռացել էի... Շուտ դուրս եկա։ Լսեցի կրակոցը։ Շուտ վերադարձա, վազում եմ... ու...

— Ի՞նչ էր պատահել հրացանին։

— Խանգարվել էր։ Գուցե կոտրվել էր։ Չորս րոպե չէր կրակում... հինգ րոպե... Միսիս Ֆորրեսթը ջանում էր, որ կրակի։

— Նա արդեն հրացանը ստուգո՞ւմ էր, երբ դուք գնացիք խթանների հետևից։

Օյ֊Լյան գլխով արեց։

— Ես դրանից առաջ նրան ասացի. «Գուցե Օ-Ե՞րգը սարքի»։ Միսիս Ֆորրեսթն ասաց. «Չարժի»։ Նա ասաց, դուք կսարքեք։ Հրացանը դրեց այսպես... նորից ուզեց կարգի բերել։ Հետո ուղարկեց խթանների հետևից։ Իսկ հետո... հրացանը կրակեց։

Հեննեսիի ժամանումը ընդհատեց այս խոսակցությունը։ Նա Պաոլային քննեց մի փոքր ավելի երկար, քան Դիկը, հետո ոտքի ելավ։ Նրա դեմքը մթամած էր։

— Ես չեմ համարձակվում անհանգստացնել նրան, միստր Ֆորրեսթ։ Արտաքին արյունահոսությունը դադարել է, բայց արյունը, հավանաբար, կուտակվում է ներսում։ Դուք բժշկի հետևից մարդ ուղարկե՞լ եք։

— Ռոբինսոնին եմ կանչել։ Բարեբախտաբար նրան կարողացա բռնացնել այն ժամանակ, երբ դեռ նոր էր սկսել ընդունելությունը։ Հիանալի երիտասարդ վիրաբույժ է,— Գրեհեմին դարձավ Դիկը,— զուսպ և համարձակ։ Ես նրան ավելի եմ հավատում, քան բազմաթիվ անուն հանած հասակավոր բժիշկների։ Ի՞նչ եք կարծում, միստր հեննեսի։ Հույս կա՞։

— Ըստ իս, դրությունը վատ է, թեև ես դատավոր լինել չեմ կարող, ընդամենը ձիաբույժ եմ։ Ռոբինսոնն ավելի լավ է հասկանում։ Իսկ առայժմ մնում է միայն սպասել...

Դիկը գլխով արեց ու մտավ Պաոլայի պատշգամբը, որպեսզի կարողանա լսել, թե արդյոք չի՞ մոտենում ավտոմեքենան, որով բժշկի հետևից էր գնացել Քալլաքանը։ Անաղմուկ մոտեցավ ու հեռացավ լիմուզինը։ Գրեհեմն էլ հայտնվեց պատշգամբում։

— Ֆորրեսթ, ես ձեզ խնդրում եմ ներել ինձ,— ասաց Գրեհեմը։— Առաջին րոպեին ես ուղղակի կորցրել էի ինքս ինձ։ Ձեզ այստեղ տեսնելով, կարծեցի, թե դա տեղի է ունեցել ձեր ներկայությամբ։ Պետք է, որ դժբախտ պատահար եղած լինի։

— Այո, խե՜ղճ աղջիկ...— հաստատեց Դիկը։— Եվ դեռ պարծենում էր, որ միշտ զգույշ է հրազենի հետ։

— Ես զննեցի հրացանը,— ասաց Գրեհեմը,— և ոչինչ չհայտնաբերեցի, ամեն բան կարգին է։

— Այդ պատճառով էլ պատահել է դժբախտությունը. Պաոլան կարգի է բերել խափանված հրացանը, բայց նույն պահին էլ կրակոցը տեղի է ունեցել։

Եվ մինչ Դիկը խոսում էր, զանազան բացատրություններ հորինելով, որոնք կարող էին խաբել նույնիսկ Գրեհեմին, մտովի զարմանում էր, թե որքան վարպետորեն է այդ ամենը խաղացել Պաոլան։ Գրեհեմի հետ վերջին զուգերգը եղել է հրաժեշտ և միևնույն ժամանակ հետագա կասկածները փարատելու միջոց։ Նույն կերպ էլ Պաոլան վարվել է Դիկի հետ։ Պաոլան հրաժեշտ տվեց նրան, ու հեռախոսով ասված բառերը այն խոստումն էին, որ բացի Դիկից նա ուրիշ ոչ մի տղամարդու հետ չի լինի։

Դիկը Գրեհեմից հեռացավ դեպի պատշգամբի հեռավոր ծայրը։

— Եվ նրա ուժերը բավականացրել են, բավականացրել են,— յուրովի մրմնջում էր նա դողացող շուրթերով։— Խե՜ղճ աղջիկ։ Նա այնպես էլ չկարողացավ երկուսիս մեջ ընտրություն կատարել ու ահա թե ինչպես վճռեց հարցը։

Մոտեցող մեքենայի աղմուկը նրան ու Գրեհեմին ստիպեց իրար մոտենալ ու միասին վերադառնալ Պաոլայի սենյակը, որպեսզի դիմավորեն բժշկին։ Գրեհեմը հուզվում էր, չէր ուզում հեռանալ, բայց զգում էր, որ պետք է հեռանա։

— Իվեն, խնդրում եմ, մնացեք այստեղ,— դիմեց նրան Դիկը,— նա ձեր նկատմամբ շատ լավ էր տրամադրված ու եթե աչքերը բանա՝ շատ կուրախանա ձեզ տեսնելով։

Մինչ Ռոբինսոնը քննում էր Պաոլային, երկուսն էլ մի կողմ քաշվեցին։ Երբ բժիշկը վճռական մի շարժումով ոտքի ելավ, Դիկը հարցական հայացքով նայեց նրան։ Ռոբինսոնը շարժեց գլուխը։

— Ինչ կարող ես անել,— ասաց նա։— Մի քանի ժամվա, գուցե և մի քանի րոպեի հարց է...— Նա լռեց Դիկի դեմքին նայելով, հետո ավելացրեց։— Եթե համաձայն եք, կարելի է թեթևացնել վախճանը։ Այլապես ուշքի կգա ու դեռ մի առ ժամանակ էլ կշարունակի տանջվել։

Դիկը ետ ու առաջ էր քայլում սենյակում, իսկ երբ խոսեց, դիմեց Գրեհեմին։

— Ինչո՞ւ նրան թույլ չտալ ապրելու թեկուզև ամենակարճ ժամանակով։ Ցավն այնքան էական չէ։ Հանգստությունը վրա կհասնի շատ շուտ և անխուսափելիորեն։ Եվ ես կուզենայի այդ, դուք էլ երևի՝ նույնպես։ Նա այնպես էր սիրում կյանքը, կյանքի յուրաքանչյուր պահը... Ինչո՞ւ զրկենք այն մի քանի րոպեներից, որ մնացել են նրան ապրելու...

Գրեհեմը, ի նշան համաձայնության, գլխով արեց, և Դիկը դարձավ բժշկին.

— Դուք կարո՞ղ եք նրան գրգռիչ բան տալ ու վերականգնել գիտակցությունը։ Ուրեմն, այդպես էլ արեք։ Իսկ եթե նա շատ տանջվի, դուք նրան կօգնեք, որ հանգստանա։

Երբ Պաոլան բացեց թրթռացող կոպերը, Դիկը գլխով մոտ կանչեց Գրեհեմին։ Սկզբում Պաոլայի դեմքին միայն ցրվածություն կար, հետո հայացքը կանգ առավ նախ՝ Դիկի և ապա՝ Գրեհեմի վրա, ու մի խեղճ ժպիտ խաղաց շուրթերին։

— Ես... ես կարծում էի, թե արդեն մեռել եմ,— ասաց Պաոլան։

Բայց նրա գլխով հանկարծ մեկ այլ միտք անցավ, և Դիկը կռահեց, երբ Պաոլայի աչքերը քննախույզ նրան նայեցին. Պաոլան ասես հարցնում էր՝ գլխի ընկե՞լ է Դիկը, որ սա սովորական «դժբախտ պատահար» չէ։ Բայց Դիկը ոչնչով չմատնեց իրեն։ Պաոլան կամենում էր խաբել նրան և, մեռնելիս, թող մտածի, որ Դիկը հավատացել է։

— Ինչպես... ինչպես... ստացվեց...— ասաց Պաոլան։ Նա խոսում էր կիսաձայն, ըստ երևույթին, յուրաքանչյուր բառից հետո հավաքելով իր ուժերը։— Ես միշտ էլ այնքան զգույշ եմ եղել... և միանգամայն վստահ... որ ինձ հետ... երբեք... ոչինչ չի պատահի։ Ահա թե ինչ արեցի...

— Այո, այո, ուղղակի ամոթ է,— ցավակցորեն հաստատեց նրան Դիկը։— Իսկ ի՞նչ էր պատահել։ Ձգա՞նն էր լռվել։

Պաոլան, գլխով արեց ու նորից ժպտաց մի խեղճ ժպիտով, որի օգնությամբ նա կամենում էր ինքն իրեն առույգություն հաղորդել։

— Օհ, Դիկ, գնա կանչիր հարևաններին, թող տեսնեն, թե ինչ է արել փոքրիկ Պաոլան... Իսկ դա լո՞ւրջ է,— շարունակեց նա։— Ազնիվ եղիր, Ալ Ամպ, ճշմարիտն ասա... դու հո գիտես ինձ,— անհամբերությամբ ավելացրեց նա, քանի որ Դիկը ոչինչ չպատասխանեց։

Նա խոնարհեց գլուխը։

— Իսկ երկա՞ր կտևի։

— Ոչ, երկար չի տևի,— վերջապես խոսեց նա։— Դա կարող է պատահել ամեն րոպե...

— Այսի՞նքն...— Պաոլան հարցական հայացքով նայեց բժշկին, հետո՝ Դիկին։ Դիկը գլխով արեց։

— Ես ուրիշ բան քեզնից չէի էլ սպասում, Ալ Ամպ,— երախտագիտությամբ շշնջաց նա։— Իսկ Ռոբինսոնը համաձա՞յն է։

Բժիշկը մոտ եկավ, որպեսզի Պաոլան տեսնի իրեն, ու խոնարհեց գլուխը։

— Շնորհակալություն, բժիշկ։ Եվ հիշեցեք, ես ինքս կասեմ, թե երբ։

— Շա՞տ է ցավում,— հարցրեց Դիկը։

Պաոլայի աչքերը լայնացան, նա կամենում էր խիզախորեն հաղթահարել իրեն, բայց աչքերում սարսափելի արտահայտություն հայտնվեց, երբ նա պատասխանեց գողացող շուրթերով.

— Այնքան էլ չէ, բայց... սարսափելի է, սարսափելի է։ Ես չեմ ուզում երկար տանջվել։ Ես կասեմ, թե երբ։

Ու դարձյալ նրա շուրթերին մի թույլ ժպիտ հայտնվեց։

— Տարօրինակ բան է կյանքը, շատ տարօրինակ, ճի՞շտ է։ Եվ, գիտե՞ք, ես կուզենայի հեռանալ սիրո մասին երգերի հնչյունների տակ։ Իվեն, սկզբում դուք երգեցեք «Գնչուների արահետով»։ Պատկերացնո՞ւմ եք, մի ժամ էլ չի անցել, երբ միասին էինք երգում։ Հիշո՞ւմ եք։ Խնդրում եմ, Իվեն, խնդրում եմ ձեզ։

Գրեհեմը Դիկին նայեց, հայացքով թույլտվություն խընդրելով, և Դիկը լռելյայն տվեց իր համաձայնությունը։

— Եվ համարձակ երգեցեք, ուրախ, հափշտակությամբ, ինչպես կերգեր սիրահարված իսկական գնչուն,— պնդեց նա։— Կանգնեցեք այնտեղ, ես ուզում եմ տեսնել ձեզ...

Եվ Գրեհեմը երգեց ամբողջ երգը, ավարտելով հետևյալ քառյակով.

Իսկ տղամարդուն՝ հուր սերը կնոջ...
Իմ վրաններում մարեց լույոը, տե՛ս։
Բայց հորիզոնում օրն է լուսանում,
Եվ աշխա՜րհն արար սպասում է քեզ։

Հրամանի սպասելով դռան մեջ արձանի պես անշարժ կանգնել քարացել էր Օ֊Տուրը։ Վշտահար Օյ-Լյան կանգնել էր տիրուհու սնարին։ Նա այլևս չէր կոտրատում ձեռքերը, բայց այնպես էր սեղմել, որ մատների ծայրերն ու եղունգները ճերմակել էին։ Քիչ հեռվում, Պաոլայի արդուզարդի սեղանի մոտ, բժիշկ Ռոբինսոնը անաղմուկ բաժակի մեջ էր լցնում նարկոտիկի հաբերն ու սրսկիչով քաշում էր լուծույթը։

Երբ Գրեհեմը լռեց, Պաոլան հայացքով շնորհակալություն հայտնեց նրան ու մի առ ժամանակ պառկել էր անշարժ։

— Իսկ հիմա, Ալ Ամպ,— ասաց նա, դարձյալ բացելով աչքերը,— հիմա քո հերթն է, որ ինձ համար երգես Այ-Քոլթի, ցողաթաթախ կնոջ, գինովցած կնոջ մասին։ Կանգնիր այնտեղ, որտեղ Գրեհեմն էր կանգնել։ Ես ուզում եմ տեսնել քեզ։

— «Ես Այ-Քութն եմ, նիշինամների ցեղի առաջին մարդը։ Այ֊Քութ՝ կրճատ նշանակում է Ադամ։ Իմ հայրը եղել է կոյոտը, մայրս՝ լուսինը։ Իսկ սա Յո֊տո֊տո֊վին է, իմ կինը. Յո-տո-տո֊վի՝ կրճատ նշանակում է Եվա։ Նիշինամների ցեղի առաջին կինն է նա։

Ես Այ֊Քութն եմ։ Սա իմ կինն է, իմ ցողը, իմ մեղրացողը։ Նրա մայրը նևադայի արշալույսն է, հայրը՝ լեռնային տաք արևելյան քամին։ Նրանք սիրում էին իրար ու ըմպում երկրի ու օդի ողջ քաղցրությունը, մինչև որ մթության մեջ, որտեղ նրանք սիրում էին, մշտադալար թփի ու մանսանիթի վրա կաթեց մեղրացողը։

Ես Այ-Քութն եմ։ Յո-տո֊տո-վին՝ իմ կինը, իմ կաքավը, իմ գինին, իմ եղնիկը՝ ջերմ անձրևից ու պտղաբեր հողից արբած։ Նա ծնվել է աստղերի քնքուշ լույսից և աշխարհի առաջին առավոտի արևածագի առաջին շողերից, և նա իմ կինն է, իմ միակ կինը ամբողջ աշխարհում»։

Պաոլան լուռ պառկած՝ դարձյալ գոցեց ալքերը։ Նա փորձեց ավելի խոր շնչել ու թեթև հազաց։

— Աշխատիր չհազալ,— ասաց Դիկը։

Նրա կոկորդը քորվում էր, և նա ունքերը կիտեց, ջանալով զսպել հազի նոպան, որը կարող էբ արագացնել վախճանը։

— Օյ-Լյա, մոտեցիր ու այնպես կանգնիր, որ կարողանամ քեզ տեսնել,— ասաց նա աչքերը բանալով։

Չինուհին կատարեց հրամանը։ Նա շարժվում էր կույրի նման։ Բժիշկ Ռոբինսոնը ձեռքը դրեց նրա ուսին և այնպես կանգնեցրեց, ինչպես կամենում էր Պաոլան։

— Մնաս բարով, Օյ-Լյա։ Դու միշտ բարի ես եղել իմ նկատմամբ։ Իսկ ես, գուցե՝ ոչ միշտ։ Ներիր ինձ։ Հիշիր, որ միստր Ֆորրեսթը քեզ համար կլինի և՛ հայր, և՛ մայր... Եվ քեզ վերցրու իմ ագաթե զարդերը...

Նա աչքերը փակեց որպես նշան այն բանի, որ չինուհու հետ իր հրաժեշտն ավարտված է։

Դարձյալ նրան անհանգստացրեց հազը՝ առավել տանջող ու սաստկությամբ։

— Դիկ, ժամանակն է,— հազիվ լսելի ասաց նա, առանց աչքերը բանալու։— Ես ուզում եմ, որ ինձ օրոր ասեն։ Բժիշկ, արդեն պատրա՞ստ է։ Մո՛տ եկ։ Բռնի՛ր իմ ձեռքը, ինչպես այն ժամանակ... հիշո՞ւմ ես։ Իմ փոքր մահվան... ժամանակ։

Պաոլան հայացքը հառեց Գրեհեմին, և Դիկը շրջվեց, նա գիտեր, որ այդ վերջին հայացքը լինելու է սիրով լի, և սիրով լի կլինի վերջին հրաժեշտը։

— Մի անգամ,— բացատրեց Պաոլան Գրեհեմին,— ես վիրահատության գնացի ու Դիկին էլ ստիպեցի, որ ինձ հետ լինի վիրահատական սենյակում և ձեռքս բռնի այնքան ժամանակ, մինչև որ սկսվի քնաբերի ազդեցությունը, ու ես քնեմ։ Դու հիշո՞ւմ ես, այն ժամանակ Հենլին գիտակցության լրիվ այդ կորուստը անվանեց «փոքր մահ»։ Իսկ ես շատ լավ էի զգում։

Պաոլան երկար ու լուռ նայեց Գրեհեմին, հետո դեմքը դարձրեց Դիկի կողմը, որը ծնկի էր իջել նրա մոտ ու բռնել էր ձեռքը։

— Ալ Ամպ,— շշնջաց նա։— Ես քեզ ավելի եմ սիրում։ Եվ հպարտ եմ, որ քոնն եմ եղել այսքան երկա՜ր, երկար ժամանակ։— Նա սեղմեց ամուսնու ձեռքն ու ավելի մոտ քաշեց նրան։— Ես շատ եմ ափսոսում, որ մենք երեխաներ չունեցանք, Ալ Ամպ...

Հետո թողեց ձեռքն ու թեթևակի ետ հրեց նրան, որպեսզի կարողանա տեսնել երկուսին միաժամանակ։

— Երկուսդ էլ լավն եք, երկուսդ էլ լավն եք... Մնաք բարով, իմ սիրելիներ։ Մնաս բարով, Ալ Ամպ։

Պաոլան լուռ սպասեց, մինչև որ բժիշկը նրա ձեռքը նախապատրաստեց ներարկում կատարելու համար։

— Քնել, քնել,— մեղմորեն ծլվլաց Պաոլան քնաթաթախ թռչնակի պես։— Ես պատրաստ եմ, բժիշկ։ Բայց նախ՝ մի լավ ձգեցեք մաշկս։ Դուք գիտեք, որ չեմ սիրում, երբ ինձ ցավ են պատճառում։ Ինձ ամուր բռնիր, Դիկ։

Ռոբինսոնը, ենթարկվելով Դիկի հայացքին, թեթևորեն ու արագ ասեղը խրեց ձիգ մաշկի մեջ, ամուր ձեռքով սեղմեց մխոցը, մատներով թեթևակի շոյեց սրսկած տեղը, որպեսզի մորֆին արագ ներծծվի։

— Քնե՜լ, քնե՜լ, ուզում եմ քնել..— ասես նիրհի մեջ դարձյալ շշնջաց Պաոլան։

Կիսագիտակից վիճակում նա կողքի շրջվեց, գլուխը հենեց ծալած ձեռքին ու կծկվեց, ընդունելով այն դիրքը, ինչ դիրքով որ,— Դիկը գիտեր,— նա սիրում էր քնել։

Բավականին ժամանակ անցավ, մինչև որ Պաոլան մի անգամ ևս հոգոց հանեց... ու հեռացավ այնքան թեթևորեն, որ նրանք նույնիսկ չզգացին, թե նա ինչպես դադարեց լինելուց։

Սենյակում տիրող լռությունը խախտվում էր միայն շատրվանի ջրերում լողացող վայրի դեղձանիկների ճռվողյունով։ Հեռուներից լսվեց շեփորաձայնի պես Լեռնցու կանչը, և Արքայադուստրը պատասխանեց նրան իր արծաթյա խրխինջով։