Վերջին թարմացում 22 Նոյեմբերի 2013, 15:46

Մի մաքուր ու լուսավոր տեղ

Մի մաքուր ու լուսավոր տեղ

հեղինակ՝ Էռնեստ Հեմինգուեյ
թարգմանիչ՝ Մանե Սարինյան (անգլերենից)
աղբյուր՝ «Գարուն» ամսագիր, 3(159) 1980, Մարտ


Ուշ էր։ Սրճարանում ոչ ոք չկար, բացի ծեր մարդուց։ Նա նստել էր լապտերի լույսով լուսավորված ծառի ստվերում։ Կեսօրին փողոցը փոշոտ էր, բայց ցողը նստեցրել էր փոշին։ Ծեր մարդը սիրում էր նստել մինչեւ ուշ գիշեր, որովհետեւ նա խուլ էր, իսկ գիշերը խաղաղ էր, եւ նա զգում էր տարբերությունը։ Սրճարանի երկու մատուցողները գիտեին, որ ծերունին մի քիչ հարբած է, եւ չնայած նա լավ հաճախորդ էր, եթե հարբեր, կգնար առանց վճարելու, ուստի հետեւում էին նրան։

― Անցյալ շաբաթ փորձեց ինքնասպան լինել, ― ասաց մատուցողներից մեկը։

― Ինչո՞ւ։

― Հուսահատությունից։

― Պատճառն ի՞նչ էր։

― Ոչինչ։

― Ի՞նչ գիտես, թե ոչինչ։

― Շատ փող ունի։

Նրանք նստած էին դռան պատին կից դրված սեղանի մոտ եւ նայում էին տերասին, ուր բոլոր սեղանները դատարկ էին, բացի այն մեկից, որի մոտ նստած էր ծեր մարդը՝ քամուց օրորվող տերեւների ստվերում։ Մի զինվոր աղջկա հետ անցավ փողոցով։ Փողոցի լույսը փայլում էր զինվորի օձիքի պղնձե համարի վրա։ Աղջկա գլուխը բաց էր, եւ նա վազում էր ետ չմնալու համար։

― Պահակազորը նրան կբռնի, ― ասաց մատուցողներից մեկը։

― Նրա համար ի՞նչ նշանակություն ունի, արդեն հասել է իրենին։

― Լավ կանի գնա այս փողոցից։ Պահակազորը կբռնի նրան։ Հինգ րոպե առաջ անցավ այստեղով։

Ստվերում նստած ծերունին բաժակով թխկթխկացրեց ափսեն։ Մատուցողը, որ ավելի երիտասարդ էր, մոտեցավ նրան։

― Ի՞նչ ես ուզում։

Ծերունին նայեց նրան։

― Էլի մի բաժակ բրենդի, ― ասաց նա։

― Կհարբես, ― ասաց մատուցողը։ Ծերունին նայեց նրան։ Մատուցողը գնաց։

― Ամբողջ գիշեր կմնա, ― ասաց նա։ ― Քունս տանում է։ Երբեք երեքից շուտ չեմ քնում։ Լավ կլիներ, որ մեռներ անցյալ շաբաթ։

Մատուցողը վերցրեց կոնյակի շիշը, մի ափսե եւ գնացի դեպի ծեր մարդը։ Նա ափսեն դրեց սեղանին եւ լիքը լցրեց բաժակը։

― Լավ կանեիր մեռնեիր անցյալ շաբաթ, ― ասաց նա խուլ մարդուն։

Ծերունին մատով արեց․

― Մի քիչ էլ, ― ասաց նա։ Մատուցողը լցրեց, բաժակից կոնյակը թափվեց ափսեի մեջ։

― Շնհորհակալություն, ― ասաց ծերունին։

Մատուցողը շիշը ետ տարավ։ Նա նորից նստեց սեղանի մոտ։

― Արդեն հարբել է, ― ասաց նա։

― Ինչո՞ւ էր ուզում ինքնասպան լինել։

― Ի՞նչ իմանամ։

― Իսկ ինչպե՞ս դա արեց։

― Կախվել էր պարանից։

― Ո՞վ փրկեց։

― Քրոջ աղջիկը։

― Ինչո՞ւ։

― Վախեցել էր նրա հոգու համար։

― Ինչքա՞ն փող ունի։

― Շատ։

― 80 տարեկան կլինի։

― Այդքան էլ երեւում է։

― Գոնե գնար տուն։ Երեքից շուտ չեմ քնում։ Դա ի՞նչ բան է։

― Մնում է, որովհետեւ նրան դուր է գալիս։

― Որովհետեւ մենակ է։ Ես մենակ չեմ։ Ես անկողնում ինձ սպասող կին ունեմ։

― Նա էլ է մի ժամանակ կին ունեցել։

― Հիմա կնոջ կարիք չունի։

― Գուցե ունի։

― Քրոջ աղջիկն է խնամում։

― Գիտեմ։ Արդեն ասել ես։

― Չէի ուզենա այդքան երկար ապրել։ Ծեր լինելը զզվելի է։

― Ոչ միշտ։ Այս ծեր մարդը մաքուր է։ Խմում է առանց մի կաթիլ թափելու։ Նույնիսկ հիմա, երբ հարբած է։ Նայի՛ր։

― Չեմ ուզում նրան նայել։ Ուզում եմ, որ տուն գնա։ Նա չի էլ մտածում աշխատողների մասին։

Ծերունին բաժակի միջից նայեց հրապարակի կողմը, հետո մատուցողներին։

― Էլի կոնյակ, ― ասաց նա՝ ցույց տալով բաժակը։

Շտապող մատուցողը եկավ։

― Վե՛րջ, ― ասաց նա՝ հարբածների կամ օտարականների հետ խոսող հիմար մարդկանց տոնով։ ― Այսօր վե՜րջ։ Արդեն փա՛կ։

― Էլի՛, ― ասաց ծերունին։

― Չէ՛, վե՛րջ, ― մատուցողը սրբիչով սրբեց սեղանի ծայրը։

Ծերունին վեր կացավ, դանդաղ հաշվեց ափսեները, գրպանից հանես կաշվե դրամապանակը եւ վճարեց խմիչքների համար՝ կես պեսետ ավել թողնելով։

Մատուցողը նայեց նրա ետեւից։ Ծեր մարդը օրորվելով էր քայլում, բայց արժանապատվությամբ։

― Ինչո՞ւ չթողեցիր, որ մնա ու խմի, ― ասաց չշտապող մատուցողը։ Նրանք փակում էին փեղկերը։ ― Դեռ երկուս անց կես էլ չկա։

― Ուզում եմ գնալ տուն, քնել։

― Մի ժամ ավելի, մի ժամ պակաս։

― Նրա համար՝ գուցե, ինձ համար՝ ոչ։

― Քեզ համար էլ։

― Ծեր մարդու պես ես խոսում։ Նա կարող է մի շիշ գնել եւ տանը խմել։

― Նույնը չէ։

― Այո՛, ― համաձայնեց կին ունեցող մատուցողը։

Նա չէր ուզում անարդար լինել։ Նա պարզապես շտապում էր։

― Իսկ դո՞ւ։ Չե՞ս վախենում սովորական ժամից շուտ տուն գնալ։

― Ինչ, ուզում ես վիրավորե՞լ։

― Չէ՛, ծերուկ։ Կատակում եմ։

― Ո՛չ, ― ասաց շտապող մատուցողը։ Նա փեղկերը ներքեւից փակեց եւ ուղղվեց, ― Վստահ եմ։ Լիովին վստահ եմ։

― Դու ե՛ւ հավատ ունես, ե՛ւ երիտասարդություն, ե՛ւ աշխատանք, ― ասաց մատուցողը, որ ավելի տարիքով էր։ ― Դու ամեն ինչ ունես։

― Իսկ դու ի՞նչ չունես։

― Ոչինչ, բացի աշխատանքից։

― Ո՛չ։ Ես երբեք հավատ չեմ ունեցել եւ ո՛չ էլ երիտասարդ եմ։

― Դե, հիմարություններ դուրս մի՛ տուր եւ փակի՛ր։

― Ես այն մարդկանցից եմ, որոնք սիրում են սրճարանում երկար մնալ, ― ասաց մատուցողը, որ ավելի տարիքով էր։ ― Նրանցից, ովքեր չեն ուզում քնել։ Նրանցից, ովքեր գիշերը լույսի կարիք ունեն։

― Ուզում եմ գնալ տուն ու քնել։

― Մենք տարբեր մարդիկ ենք, ― ասաց մատուցողը, որ ավելի տարիքով էր։ Նա արդեն հագնվել էր, որ գնա։ ― Հարցը միայն երիտասարդությունն ու հավատը չէ, թեեւ երկուսն էլ գեղեցիկ են։ Ոչ մի գիշեր չեմ ուզում սրճարանը փակել․ գուցե մեկը նրա կարիքը կունենա․․․

― Գիշերային գինետներ կան։

― Չես հասկանում։ Այս սրճարանը մաքուր է ու հաճելի։ Գեղեցիկ է լուսավորված, մանավանդ հիմա, երբ տերեւները ստվեր են գցել լույսի վրա։

― Բարի գիշեր, ― ասաց մատուցողը, որ ավելի երիտասարդ էր։

― Բարի գիշեր, ― ասաց մյուսը։ Հետո հանգցրեց լույսը՝ շարունակելով ինքն իր հետ խոսել։ Իհարկե, լույսը կա, բայց պետք է նաեւ մաքուր ու հաճելի լինի։ Երաժշտություն պետք չէ։ Իրոք երաժշտությունը ոչինչ է։ Ոչ էլ արժանապատվությամբ կարող ես կանգնել վաճառասեղանի առաջ, իսկ այս ժամին գնալու տեղ էլ չկա։ Ինչի՞ց էր նա վախենում։ Բանը վախը կամ սարսափը չէր։ Դա ոչինչ էր եւ դա նրան այնքան լավ ծանոթ էր։ Ամեն ինչ ոչինչ է, եւ մարդը նույնպես ոչինչ է։ Այս է բոլորը, եւ բացի լույսից, մաքրությունից ու կարգուկանոնից ոչինչ պետք չէ։ Ոմանք ապրում են ոչնչության մեջ եւ չեն զգում, իսկ ինքը գիտի, որ ամեն ինչ ոչինչ է եւ միայն ոչինչ, ոչինչ եւ միայն ոչինչ։ Հա՛յր մեր, որ ոչինչ ես, սուրբ եղիցի ոչինչ քո, եկեսցե ոչինչ քո, եղիցի ոչինչ քո, որպես ոչինչ եւ ոչինչ, ոչինչ մեր հանապազօր տուր մեզ այսօր եւ թող զմեզ ոչինչ որպես եւ մեք թողումք մերոց ոչինչ եւ մի տաներ զմեզ ոչինչ, այլ փրկեա զմեզ ոչնչից։ Ամեն, ոչինչ, ոչինչն է քեզ հետ։ Նա ժպտաց եւ կանգնեց վաճառասեցանի մոտ։

― Դո՞ւ ինչ ես ուզում, ― հարցրեց բարմենը։

― Ոչի՛նչ։

― Էլի մի կիսախելագար, ― ասաց բարմենը եւ շրջվեց։

― Մի փոքր բաժակ, ― ասաց մատուցողը։

Բարմենը լցրեց նրա համար։

― Լույսը շատ վառ է ու հաճելի, բայց վաճառասեղանը մաքուր չէ, ― ասաց մատուցողը։ Բարմենը նայեց նրան եւ չպատասխանեց։ Շատ ուշ էր, խոսելու տրամադրություն չուներ։

― Էլի՞ մի բաժակ, ― հարցրեց բարմենը։

― Ո՛չ, շնորհակալություն, ― ասաց մատուցողը եւ դուրս եկավ։ Նա չէր սիրում բարերը եւ գինետները։ Բոլորովին այլ բան էր մաքուր, լավ լուսավորված սրճարանը։ Հիմա առանց մտածելու նա կգնա տուն, իր սենյակը։ Կպառկի ու վերջապես լուսաբացին կքնի։

― Երեւի պարզապես անքնություն է, ― ասաց նա բարձր։ ― Գուցե շատերն ունեն։