Մոբի Դիկ

Գրապահարան-ից
12:02, 8 Հուլիսի 2015 տարբերակ, Moby-Dick (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Մոբի Դիկ Կամ Ճերմակ Կետաձուկը

հեղինակ՝ Հերման Մելվիլ
թարգմանիչ՝ վերապատմող Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոբի Դիկ»

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Նաթանայել Հոթորնին՝
ի նշան նրա հանճարի նկատմամբ
խորին ակնածանքի
նվիրվում է սույն գիրքը

Ծագումնաբանություն

(Տեղեկությաններբ հավաքել է դասական գիմնազիայի ուսուցչի օգնականը, որը մեռավ թոքախտից)

Ես նրան տեսնում եմ այնպես, ասես հիմա էլ կանգնած լինի աչքերիս առաջ՝ գունատ, հնամաշ սերթուկը հագին, և նույնքան հնամաշ ուղեղով, հոգով և մարմնով։ Օրեր շարունակ նա հին բառարաններից ու քերականներից սրբում էր փոշին իր արտասովոր թաշկինակով, որն, ասես ծաղրի ճամար, զարդարված էր ամբողջ աշխարհի ազգային խայտաբղետ դրոշակներով։ Նա սիրում էր հին քերականներից սրբել փոշին, այդ խաղաղ զբաղմունքը խորհրդածությունների առիթ էր տալիս մահվան մասին։

― ― ―

«Եթե դու հանձն ես առնում խրատել և ուսուցանել ուրիշներին, թե մեր լեզվով կետաձուկը կոչվում է whale, և միաժամանակ, սեփական անկրթության պատճառով արհամարհում ես h տառը, որն արտահայտում է այդ բառի գրեթե ամբողջ նշանակությունը, ապա ոչ թե գիտելիքներ ես պատվաստում, այլ մոլորություն»։

Հեքլյույթ

Whale *** շվեդ․ և դանիերեն hval։ Այս կենդանու անուհը կապված է կլորության կամ բոլորակության հասկացության հետ, քանզի դանիերեն hvalt նշանակում է «կոր, գմբեթաձև»։

Վեբսթերի բառարան

Whale *** անմիջականորեն ծագում է հոլանդերեն և գերմաներեն wallen-ից, անգլոսաքս. «walw-ian»— «լողալ, թպրտալ»։

Ռիչարդսոնի բառարան
תנים Hebrew.
XnTos Greek.
CETUS Latin.
WHÆL Anglo-Saxon.
HVALT Danish.
WAL Dutch.
HWAL Swedish.
WHALE Icelandic.
WHALE English.
BALEINE French.
BALLENA Spanish.
PEKEE-NUEE-NUEE Fegee.
PEKEE-NUEE-NUEE Erromangoan.


Քաղվածքներ

Որ կատարել է գրադարանավարի կրտսեր օգնականը

Ընթերցողը առանց դժվարության կարող է համոզվել, որ այդ թշվառ Կրտսեր Օգնականը, այդ պարզամիտ տառակերը և գրքի որդը աչքի է անցկացրել ոչ միայն վատիկանյան գրապահոցները, այլև ամբողջ աշխարհի բուկինիստական կրպակները, որոնելով կետուսների մասին թեկուզև պատահական ամեն մի հիշատակություն, որը կարող էր հանդիպել միայն նրան և այն էլ անխտիր բոլոր գրքերում՝ սկսած սուրբ գրքերից, վերջացրած սրբապիղծներով։ Ուստի չի կարելի կետաձկնային այս անկանոն, թեև, անշուշտ, ստույգ մեջբերումները ընդունել որպես ավետարանային անվերապահ ճշմարտություններ։ Իհարկե, այդպես չէ։ Բոլոր հնագույն հեղինակների և գրողների երկերից քերված հատվածները մեզ համար հետաքրքրություն և արժեք են ներկայացնում այնքանով, որքանով հնարավորություն է ընձեռվում թռչնային բարձրությունից ընդհանուր մի ճայացք նետել այն ամենի վրա, ինչ երբևէ եղել է. եղել է որևէ առնչությամբ և ցանկացած առիթով. ինչը ասվել է, մտածվել է, հիշատակվել է և երգվել է Լևիաթանի մասին բոլոր ազգերի ու սերունդների կողմից, ներառյալ նաև այժմյան սերունդը։


Գլուխ առաջին․ Ուրվագծերը նշմարվում են

Ինձ անվանեք Իսմայել։ Մի քանի տարի առաջ (կարևոր չէ, թե հատկապես երբ), տեսնելով, որ քսակումս դրամ չկա, իսկ աշխարհում էլ մի այնպիսի բան, որը կարողանար հետաքրքրել ինձ, ես կռահեցի, որ արդեն ժամանակն է վարձու աշխատանքի անցնել նավի վրա և աչքի անցկացնել մեր հողագնդի ջրիկ կեսը։ Դա փորձված միջոց է սփոփվելու և արյան շրջանառությունը կանոնավորելու համար։ Ամեն անգամ, երբ բերանիս անկյուններում նկատում եմ տխուր ծալքեր, ամեն անգամ, երբ իմ հոգում սկսվում է թախծոտ ու անձրևային նոյեմբերը, ամեն անգամ, երբ ինձ հանկարծ բռնում եմ դագաղագործների խանութների մոտ կանգնած կամ թաղման թափորի վերջից քայլելիս, ամեն անգամ, երբ ցանկություն է ծնվում դուրս ելնել փողոց ու անցորդների գլխից խփել ցած դցել գլխարկները, ես հասկանում եմ, որ նավարկության դուրս գալու ժամանակն էԼ եվ որքան շուտ, այնքան լավ։

Ես շատ եմ սիրում նավարկել ծովերով ու օվկիանոսներով։ Բայց ո՛չ երբեք որպես ուղևոր։

Ուղևոր դառնալու համար հարկավոր է քսակ, իսկ քսակը սոսկ խղճուկ լաթ է, եթե մեջը ոչինչ չկա։ Բացի այդ, ուղևորները տառապում են ծովային հիվանդությամբ, անքնությամբ, զբաղվում են բամբասանքով․ մի խոսքով որպես կանոն, շատ քիչ հաճույք են վայելում։ Ո՜չ, ո՜չ, որպես ուղևոր երբե՛ք չեմ դուրս գալիս նավարկության։

Ու թեև փորձառու նավազ եմ, բայց չեմ նավարկում նաև ո՛չ որպես նավապետ, ո՛չ որպես բոցման։ Այդ պարտականությունների հետ կապված ամբողջ պատիվն ու հարգանքը ես թողնում եմ նրանց, ում այդ դուր է գալիս։ Ինձ բավական է լոկ այն, որ կարողանամ հոգալ ինքս ինձ, միաժամանակ բոլորովին չմտածելով առագաստների, ռանգոութի կամ թակելաժի մասին։ Ինչ վերաբերում է նավի խոհարար լինելուն, ապա թեև դա շատ պատվավոր պարտականություն է, սակայն այնքան էլ սրտովս չէ, երբ ինքս եմ կրակի դիմաց թռչուն խորովելու, չնայած, եթե խորովողն ուրիշը լինի և չափավոր աղ ու պղպեղ էլ համեմի, ապա խորոված թռչնի մասին ոչ ոք չի արտահայտվի ավելի մեծ հարգանքով, էլ չեմ ասում՝ խորին ակնածանքով, քան ես։

Չէ՛, երբ ուզում եմ նավարկության մեկնել, ապա վարձվում եմ որպես հասարակ նավազ։ Ճիշտ է, այս դեպքում ինձ կարգին բանեցնում և ստիպում են առագաստահեծանների վրա ցատկոտել ճիշտ այնպես, ինչպես ծղրիդն է ցատկոտում մայիսյան մարգագետնում։ Իսկ դա, հատկապես, սկզբնական շրջանում, այնքան էլ հաճելի զբաղմունք չէ։ Արժանապատվությունդ վիրավորվում է։ Առավել ևս, եթե սերում ես հինավուրց, պատվական մի գերդաստանից։ Բայց, ի վերջ, այնքան էլ մեծ դժբախտություն չէ, երբ որևէ քոսոտ նավապետ հանկարծ ինձ հրամայի վերցնել ավելն ու մաքրել տախտակամածը։ Կարծում եք այս դեպքում, ես շա՞տ մեծ բան եմ կորցնում իմ արժանապատվությունից, եթե, անշուշտ, կորուստը չափելու լինենք Նոր Կտակարանի կշեռքով։

Ի վերջո, ես միշտ որպես նավազ եմ նավարկում նաև այն պատճառով, որ իմ աշխատանքի դիմաց փող են վճարում։ Իսկ ինչ վերաբերում է ուղևորներին, ապա երբեք չեմ լսել, որ նրանց թեկուզև կես պեննի վճարած լինեն։ Ընդհակառակը, ուղևորները դեռ իրենք են պարտավոր վճարել։ Իսկ վճարելու անհրաժեշտության և վճարվելու հնարավորության միջև վիթխարի տարբերություն կա։

Բայց թե ինչո՞ւ՝ ե՛ս, որ սովորաբար առևտրական նավերով ծով էի ելնում որպես սովորական մի նավազ, ինչո՞ւ հանկարծ վճռեցի աշխատանքի վարձվել կետորսանավի վրա, դժվարանում եմ բացատրել։ Ամենայն հավանականությամբ այդպսիսն էր ճակատագիրս։

Իմ այս վճիռը կայացնելիս, ճիշտն ասած, խոշոր դեր ունեցան վեհասքանչ և խորհրդավոր ծովահրեշներիը՝ կետուսաները, որոնք միշտ էլ բորբոքել են իմ հետաքրքրասիրությունը։ Բացի այդ, ինձ հրապուրում էին թե՛ հեռավոր ծովերը, թե՛ վայրի ափերը և թե՛ արևադարձային երկրները։ եվ ես պատրաստ էի ուրախությամբ ենթարկվել կետորսության փորձություններին, որոնց դեռևս անծանոթ էի։ Իմ երևակայության մեջ արդեն ուրվագծվում էին վիթխարի կետուսների անվերջանալի թափորները, և նրանց մեջ մեկը՝ ամեհի ու չարագուշակ, որ անսպասելի հայտնվում է ծովի խորխորատներից և փայլատակում արևի ճառագայթների տակ ինչպես ճերմակ մի սառցալեռ։

Գլուխ երկրորդ․ Հին ուղեպայուսակը

Մի զույգ շապիկ խցկելով հին ուղեպայուսակիս մեջ, ձեռքս առ այն և, ուղղություն վերցնելով դեպի Հորն հրվանդանը, դեպի Խաղաղ օվկիանոս, բարեհաջող ժամանեցի Նյու Բեդֆորդ։ Դեկտեմբեր ամիսն էր և շաբաթ օրվա ուշ երեկո։ Չեք կարող պատկերացնել, թե ինչքան վշտացա, լսելով, որ Նանթաքեթ կղզի տանող փոստանավն արդեն մեկնել է և միչև երկուշաբթի այլևս ոչ մի փոխադրական չի լինի։

Կետորսության դժվարությունների ու ձախորդությունների երիտասարդ սիրահարների մեծ մասը դադար են առնում նույն այս Նյու Բեդֆորդում, հենց այստեղից էլ նավարկության դուրս գալու համար։ Բայց իմ մտքով էլ չէր անցնում հետևել նրանց օրինակին, որովհետև հաստատապես վճռել էի աշխատանքի վարձվել Նանթաքեթյան նավի վրա, քանզի այն ամենի մեջ, ինչ կապված է հինավուրց և փառապանծ կղզու հետ, ինձ համար բացառիկ հմայք ներկայացնող առողջ և բուռն տարերք կա։ Միևնույն ժամանակ, թեև վերջերս Նյու Բեդֆորդը աստիճանաբար յուրացնում է կետորսության մենաշնորհը ու թեև հնամենի, խեղճ Նանթաքեթն էլ հիմա շատ ետ է մնում այդ ասպարեզում, այնուամենայնիվ, Նյու Բեդֆորդի նշանավոր նախորդը Նանթաքեթն է։

Նանթաքեթու՛մ է, որ ափ են քաշել ամերիկացիների խփած առաջին կետաձուկը։

Նանթաքեթի՛ց է, որ իրենց նավակներով ծով են դուրս եկել առաջին տեղաբնակ կետորսները՝ կարմրամորթ հնդկացիները, և հետապնդել լևիաթանին[1]։

Նանթաքեթի՛ց և ո՛չ թե մեկ այլ վայրից է ժամանակին ծով դուրս եկել փոքրիկ ու խիզախ մի նավակ, որը, ինչպես ավանդությունն է պատմում, կիսով չափ լեցուն էր հեռուներից բերված քարաբեկորներով, որոնք նախատեսված էին կետաձկների վրա նետելու և դրանով իսկ որոշելու համար, թե նավակը արդյո՞ք բավարար չափով է մոտեցել նպատակին և կարելի՞ է արդյոք համարձակորեն նետել հարպունը։

Այսպես, ուրեմն, մինչև տեղ հասնելը, ես պետք է Նյու Բեդֆորդում անցկացնեի գիշերը, ցերեկը ու ևս մի գիշեր։ Ուստի ծագեց մի շատ լուրջ հարց, թե այդ ընթացքում որտեղ եմ ուտելու և քնելու։ Գիշերը բնավ էլ վստահություն չէր ներշնչում։ Ընդհանուր առմամբ շատ մութ ու մռայլ գիշեր էր, ցուրտ և անհյուրընկալ։ Քաղաքում ոչ ոքի չէի ճանաչում։ Մատներս արդեն պրպտել էին գրպաններիս անկյունները և հայտնաբերել մի քանի խղճուկ արծաթադրամ։ «Այնպես որ, ուր էլ գնալու լինես, Իսմայել,- ասացի ինքս ինձ ամայի փողոցում, ուղեպայուսակը ուսիս դրած և համեմատելով երկնակամարի հյուսիսային կողմի աղջամուղջը հարավայինի խավարի հետ,-քո իմաստուն խորաթափանցությամբ որտե՛ղ էլ վճռելու լինես գիշերել, իմ սիրելի Իսմայել, բարի եղիր նախապես տեղեկանալ գնի մասին և այնքան էլ չմահավան մի՛ եղիր»։

Վեհերոտ քայլերով սալահատակը չափելով, ես առանց կանգնելու, անցա «Խաչաձևված հարպուններ» պանդոկի մոտով, որտեղ, ավա՜ղ, ամեն ինչ չափազանց ուրախ և չափազանց թանկ երևաց ինձ համար։ Քիչ հեռու ես տեսա «Թրաձուկ» պանդոկի պատուհանները, որոնցից պայծառ լույսի ճառագայթները այնպես էին դուրս հորդում, որ կարծես տրորում էին տան առջև փռված ձյան ու սառույցի ամուր շերտը։ «Չէ՛, այստեղ էլ չափազանց թանկ է և ուրախ,- մտածեցի ես, մի պահ կանգնելով, որպեսզի ականջ դնեմ ներսից լսվող բաժակների զվարթ զնգոցին։- Բայց հույսդ մի կորցրու, Իսմայել, շարունակի՛ր որոնումներդ»։ Եվ ես քայլեցի, ջանալով չշեղվել այն փողոցներից, որոնք տանում են դեպի ծով, քանզի անկասկած, ծովափին պետք է լինեին ամենից էժան, թեև գուցե անհրապույր կամ նվազ համարավետ պանդոկները։

Ի՜նչ տխուր փողոցներ էին։ Երկու կողմերից ձգվում էին խավարի թաղամասերը և հեռու-հեռվում միայն առկայծում էր լույսի մի շող, ասես ստորգետնյա լաբիրինթոսով ինչ-որ մեկը վառված մոմ տանելիս լիներ։

Շարունակելով քայլել թանձր խավարում, վերջապես, նավահանգստից քիչ հեռու նկատեցի աղոտ մի լույս և օդում որսացի թույլ, տխուր մի ճռռոց։ Գլուխս բարձրացնելով, դռան վրա տեսա ճոճվող մի ցուցանակ, որի վրա ճերմակ ներկով գրված էր․

Պանդոկ

«ԿԵՏԱՁԿԱՆ ՇԱՏՐՎԱՆ»

ՊԻՏԵՐ ՔՈՖԻՆ [2]։

«Քոֆի՞ն․․․ դագա՞Ղ․․․Կետաձկան շատրվա՞ն․․․ Բավականին չարագուշակ է հնչում»,- մտածեցի ես։

Լույսն այնքա՜ն աղոտ էր, շրջապատը այդ ուշ ժամին այնքա՜ն խաղաղ ու հանգիստ էր թվում և կաթվածահարի պես մի կողքի ծռված փայտաշեն խարխուլ տնակն էլ այնպիսի տեսք ուներ, ասես կրակի բերանից էին փրկել, և այնքա՜ն ողորմելի էր ճոռոմ ցուցանակը, որ ես հասկացա՝ հենց այստեղ կկարողանամ գրպանիս հարմար իջևան գտնել ու սիսեռախառն սուրճ։

Ուրեմն, սառած ներբաններից քերենք ձյունը և տեսնենք, թե ի՛նչ է ներկայացնում այդ «Կետաձկան շատրվան» պանդոկը ներսից։

Գլուխ երրորդ․ «Կետաձկան շատրվան» պանդոկում

Մտնելով պանդոկ, ես հայտնվեցի ընդարձակ, ցածր առաստաղով մի սենյակում, որի պատերը ծածկված էին տախտակե դրվագներով և հիշեցնում էին խարխլված նավակողեր։ Մի պատից կախված էր խոշոր, ծխից սևացած ու այնպես ջնջված մի կտավ, որ բծախնդիր ուսումնասիրությամբ, բազմիցս անդրադառնալով և հարևաններին հարցուփորձ անելու միջոցով միայն հնարավոր էր ի վերջո ըմբռնել նկարչի մտահաղացումը։ Իմ ենթադրությամբ, կտավի մտահաղացումը հետևյալն էր․ Հորդ հրվանդանից քիչ հեռու նավն ընկել է կատաղի փոթորկի մեջ․ պատուհասի ենթարկված նավն արդեն կիսով չափ սուզվել է, և նրա մերկացած երեք կայմերն են իայն ցցվել օվկիանոսի մոլեգնած մակերևույթին։ Որպես ամփոփումն այդ աղետի, գազազած կետաձուկը վճռել է ցատկել անցնել խորտակված նավի վրայով, և գեղանկարչի հայացքը նրան բռնել է այն սոսկալի պահին, երբ սրածայր կայմերը ուր որ է կշամփրեն կենդանու սև մարմինը։

  1. Կետուս (եբրայերեն)
  2. Coffin դագաղ(անգլ․)