Յուշեր

Գրապահարան-ից
Յուշեր

հեղինակ՝ Արամ Մանուկեան
աղբյուր՝ «Յուշեր»

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում



Դէպի երկիր

Առաջին անգամ դէպի Վան իմ ճանապարհորդութիւնը կատարուեցաւ շատ բացառիկ պայմանների տակ։ 1904ի աշնան էր, ճիշդ չեմ յիշում, ո՞ր ամսին։

Սասունի անժամանակ ժայթքումը, բազմաթիւ զինատար խմբերի անյաջող փորձերը եւ սահմանագլխի վրայ ջարդուիլը, իմ մերձաւոր ընկերների նահատակութիւնը ինձ դրել էին յուսահատ կացութեան մէջ։ Խիղճս ինձ տանջում էր, որ ամէնքը գնացին եւ նահատակուեցան, իսկ ես, կարծես մի խորամանկութեամբ չետ մնացի։

Սոսկալի հակազդեցութիւն կար հասարակութեան եւ մեր ընկերների մէջ։ Անդրանիկը, Մուրադը, Սեպուհը եւ ընկերները Երկրից հեռացել էին։ Եւ ամէնքը պնդում էին, թէ Երկրում գործունէութիւնն առայժմ անհնարին եւ անմիտ է։ Երեք տարուան իմ գործունէութիւնը սահմանագլխի վրայ, Կարսի շրջանում, որոշ փորձառութիւն էր տուել ինձ։ Ես եկել էի Բագուից Կարս, մի քիչ փորձուելուց վերջ Սասուն անցնելու նպատակով․ թունդ սասունեան էի։ 1903ին Կարս եկող բազմաթիւ երիտասարդներին համոզում էի, որ Սասուն գնանք։ Ինձ երեւի այնտեղ քաշողը դպրոցական ընկերներս էին՝ Թումանն ու Եգորը։ Եւ, ընդհակառակը, թունդ վանեան էր Կարս եկող մի նոր երիտասարդ, ապագայ Մուշ֊Սասունի Ռուբէնը, որ ճեմարանում ընկերական կապերով կապուած էր վանեցիների հետ։ Ինձ հետ երկար վիճում էր Վանի առաւելութիւնների մասին եւ համոզում, որ միասին Վան գնանք։ Դէպքերը այնպէս դասաւորուեցին, որ թունդ «վանեան» Ռուբէնը գնաց Մուշ, իսկ ես՝ թունդ «սասունեանս» մեկնեցի Վան…

Կարսի սահմանագլխի դէպքերը փճացրել էին մեր չարաբերութեան բոլոր գիծերը։ Համարեա ամբողջ գծի վրայ եղած կազմակերպութիւնները քայքայուել էին գործիչների նահատակութեան կամ ձերբակալման պատճառով։ Սասունի գործը վիժած էր․ Մշոյ դաշտում գործ վերսկսելը իմ ուժերից վեր էր։ Ես նոր մարդ էի երկրի համար, պիտի գնայի այնպիսի շրջան, ուր որոշ կազմակերպութիւն կար, փորձառու ղեկավար ընկերներ կային՝ նրանց ձեռքի տակ կամ նրանց հետ գործել կարողանալու համար։ Թէ՛ այս եւ թէ՛ մանաւանդ Պարսկաստանից Վան անցնելու դիւրութիւններն ինձ քշեցին դէրի Պարսկաստան։

Վերջին անգամ անցնում եմ Թիֆլիս՝ տեսնուելու ընկերների հետ, վերջին հրահանգներ առնելու, վերջին խնդրանքներ անելու։ Փորձառու ընկերները մասնաւորապէս խրատել էին ինձ, որ Երկիր մտնելիս՝ անպայման աշխատեմ իմ տրամադրութեան տակ որոշ գումար ունենալ, որպէսզի տեղ հասած ժամանակ կարողանամ թէ՛ իմ ինքնուրոյնութիւնս եւ թէ՛ ազդեցութիւնս պահել։

Չեմ յիշում, թէ այն ժամանակ ովքե՞ր կային Թիֆլիսում։ Բայց լաւ կը յիշեմ որ ինձ հետ միշտ սիրալիր բժիշտ Յ․ Տ․ Դաւթեանն ինձ տուեց 100 ոսկի, որ իմ անունով ես Վան փոխադրեցի (ի հարկէ, պայմանական անունով — այդ ես արի Երեւանի վանեցի Տ․ Արիստակէսեանի միջոցով) եւ բացի այդ՝ 20-25 ոսկի՝ ճանապարհի ծախսերի համար։

Ալեքսանդրապոլ ինձ խնդրեցին հետս վերցնել Գանձակցի Նիկոլին (որ փախստական էր զինուորութիւնից․ սա վերջը նահատակուեց Պարսկաստանի ազատագրական կռիւների ժամանակ Թաւրիզի շրջանում) եւ Մշեցի (Վարդոյից) Յարութիւնին, որը դարձաւ ապագայում Վանի շրջանի լաւագոյն ժողովրդական գործիչը։ Սրա մասին ես գրած եմ կենսագրական՝ «Դրօշակ»ի 1912 թուի մէջ։

Կարսի շրջանից արդէն հետս վերցրել էի իմ շատ սիրելի զինուորներից Մանազկերտցի Մոսօն, որ շատ եաւատարմութեամբ երկար ժամանակ զինուորութիւն ըրաւ Վան, յետոյ անցաւ Կովկաս եւ այժմ Թիֆլիս է ընտանիքով։

Այդ երեք ընկերներով անցանք Երեւան։ Տեղական ընկերներից այն ժամանակ այնտեղ էին Թորոսը՝ Գալուստ Ալոյեանը, եւ Բագուից ինձ մօտիկ Սարգիս Օհանջանեանը, որ երկու տարի առաջ փորձել էր Վան երթալ, ճանապարհին բռնուել էր եւ յետ դարձել։ Ահա այս երկու փորձ ընկերները իրենց վրայ վերցրին մեզ ճանապարհ դնելու ծրագրի կազմումը եւ իրագործումը։ Առաջին եւ սոսկալի տանջանքներից ու վտանգներից մէկը ինձ համար եղաւ սրանց ծրագրով ճանապարհ գնալը։

Բանը այն է, որ Ս․ Օհանջանեանը գտնում էր, թէ Պարսկաստանում մեծ անհրաժեշտութիւն է ունենալ ռուսական արտասահմանեան անցագիր, որը ձեռք բերելու համար անհրաժեշտ դիմումներն արդէն կատարուած էին։ Բայց ըստ սովորութեան գործը ձգձգւում էր։

Գալուստը , որ ինքնիրան աւելի փորձառու էր համարում, եւ իրաւունք ունէր, քանի որ երկար տարիներ նա՛ էր վարել այդ գծի փոխադրութիւնները ընկերների եւ ապրանքների, ապնդում էր, թէ լաւագոյնն է առանց անցագրի, մեր թուրք սուրհանդակ ապրանք փոխադրողի հետ միասին, իբրեւ փախստական անցնել սահմանը, Արաքսը․ իսկ այն կողմը, Պարսկաստան, մեզ ոչինչ պէտք չէ։

Ես համակերպւում եմ Գալուստի առաջարկին, որովհետեւ ժամանակը արդէն ուշ էր (Սեպտեմբեր պիտի լինէր)։ Ես շտապում էի օգտուել աշնան երկար գիշերներից, մանաւանդ, որ ճիշդ այդ ժամանակները զօզանաւորները արդէն սարերից քաշուած պիտի լինէին դէպի իրենց գիւղերը, եւ ճանապարհները շատ յարմար էին։

Հրաժեշտ տալով ընկերներին, չորս հոգւով կառք նստեցինք։ Գնացինք Դաւալու, ուր պիտի մնայինք, մինչեւ որ մեր առաջնորդ թուրքը պատրաստութիւններ տեսնէր եւ գար մեզ տանելու։

Դաւալուում այդ ժամանակ գործերի ընդհանուր ղեկավարը Ամի անունով մի բարի ծերունի էր, որ սիրով մեզ հիւրընկալեց, պատմելով եւ հառաչելով, որ մեզ պէս շատերին է ճամբել, բայց քչերն էին դարձել…

Որովհետեւ Ամին կասկածի տակ էր, այդ պատճառով իրիկունը ինձ տեղաւորեց գիւղի վարժապետին տունը, իսկ երեք ընկեր զինուորները՝ մի այլ տուն։ Ուսուցիչը իմ հին ծանօթն էր, անունը մոռացել եմ․ աւարտել էր Երեւանի Պետական Ուսուցչանոցը, գաղափարական տղայ էր եւ լաւ գիւղական ուսուցիչ։ Ընտանիքով էր ապրում այդ գիւղում։

Առաջին յեղափոխական անփորձութիւնս փորձեցի այս խեղճ գիւղական ուսուցչի եւ նրա ընտանիքի գլխին։

Մեզ հետ վերցրել էինք մէկ մէկ ատրճանակ ու հրացանի մասեր եւ, որովհետեւ հետս եկող ընկերներից Յարութիւն Միրաքեանը մասնագէտ էր պայթուցիկների, վերցրել էինք նաեւ մեծ քանակութեամբ դինամիտ, մանաւանդ կապսիւլներ, որոնք նախապէս պատրաստուած լինելով գործածութեան համար՝ լեցուած էին մինչեւ բերանը շուտ բռնկուող անտիմոնիի եւ բերտօլետեան աղի խառնուրդով։ Ես իբր թէ մի քիչ հասկանում էի պայթուցիկներից,— ի հարկէ, աւելի տեսականը, քան փորձնականը․ որովհետեւ հազիւ մի երկու անգամ ներկայ էի եղել հասարակ փորձերի՝ այն էլ ուրիշների ձեռքով կատարուած։

Յարութիւնը պնդում էր, որ կապսիւլները այդպէս տանիլը վտանգաւոր է, կարող են հասարակ շփումից պայթել եւ բոլորիս վնասել — ձիու կամ կառքի վրայ։ Վարժապետի մօտ, իբրեւ աւելի վստահելի մարդու, բոլոր իրերը հետս էի վերցրել։

Չգիտեմ՝ վարժապե՞տը հետաքրքրուեց իմ զամբիւղով, թէ ե՞ս ինքնաբերաբար բացի եւ սկսեցի զատել կապսիւլները։ Սեղանի վրայ դարսելով լեցուածները, տանտիկնոջից ասեղ ուզեցի եւ սկսայ փորել կապսիւլներն ու լեցուած աղերը, նիւթերը դուրս տալ։ Ուսուցիչն էլ հաւասի եկաւ․ ինքն էլ փորձեց դատարկել։ Բաւական դատարկել էինք․ սեղանի վրայ էին դիզուած դատարկուած փոշին (անտիմոնի եւ բերտօլեան աղ) եւ դատարկ ու լիքը կապսիւլները։ Ի հարկէ, այս անում էինք ճրագի լոյսով։ Չգիտեմ՝ ուսուցի՞չը ծխեց, թէ հէնց ասեղի շփումից պատահեց, ի՞մ թէ նրա ձեռքում, այդ էլ լաւ չեմ յիշում, յանկարծ պայթեց մի կապսիւլ, երբ խեղճ տանտիկինը՝ երեխան գրկին՝ կանգնած էր մեր դիմաց, սեղանի մօտ։

Ձեռքի կապսիւլի կայծը փռնկցրեց սեղանի վրայ դիզուած նիւթերը․ նա էլ իր կարգին լիքը֊դատարկ կապսիւլները։ Սոսկալի պայթումից վախեցած՝ ինքնաբերաբար ես ինձ նետեցի ցած, սեղանի տակ։ Վարժապետը եւ խեղճ կինը աւելի անփորձ, քան ես, մնացին կանգնած եւ ենթարկուեցին սոսկալի պայթիւնի հարուածներին։ Վարժապետի ձեռքերի մի քանի մատները գնացին եւ երեսը վառուեց։ Աւելի վնասումլ էր խեղճ կինը, մանաւանդ իր դժբախտ երեխան։ Իմ երկու ձեռլերս էլ առաջին փոքրիկ կապսիւլի պայթումից բազմաթիւ տեղերից վիրաւորուել էին, իսկ ձախ ձեռքիս ճկոյթի մսերը խիստ գզգզուել… Բայց ես անհամեմատ աժան պրծայ։ Ի հարկէ, պայթումից ճրագը մարել էր։ Երբ խուճապը անցաւ, ճրագ վառեցինք, եւ նոր տեսանք սոսկալի աւերումները։

Ձայնը, բարեբախտաբար, դուրս չէր գնացել։ Իսկոյն վազեցի տղաների մօտ, որոնք մեզնից շատ հեռու չէին։ Իմ արիւնոտած դէմքս, մանաւանդ ձեռքս տեսնելով, յանկարծակիի եկան։ Պատմեցի եղելութիւնը։ Մէկին ուղարկեցի Ամիի մօտ․ հարկաւոր էր շուտով փախչել այս գիւղից, ո՜վ գիտէ, Վան գնալու տեղ, ո՞ւր կը տանին մեզ…

Գիշերով մեր բան֊մանը շալակած՝ հեռացանք Դաւալուից եւ Ամիի հրահանգով գնացինք դաշտը, մեծ ճանապարհի վրայ գտնուող մի հիւղակ, որը մի ղազախեցի հայի էր պատկանում, իսկ ինքն էլ այդ շրջանի մի կալուածատէրի կառավարիչն էր։

Մեզ իսկոզն հիւռընկալեց, տաքացրեց թէյով, տղաներին՝ օղիով։ Իմ ձեռքերիս վերքերը կապեցին։ Այդպիսով «ճաշակեցինք եւ անցուցինք» Հայաստան գնալու առաջին վտանգը, որ առաջ եկաւ իմ անփորձութիւնից ւամ ճամբողների անփութութիւնից։

Բայց այս դեռ բոլորը չէր։ Դեռ նոր վտանգներ եւ սոսկումներ սպասում էին մեզ, այն էլ այնտեղ, ուր մենք կարող էինք անցնել շատ հանգիստ եթէ գնայինք օրինական ձեւով ու ճանապարհով…

Կարծեմ մի երկու օր մնացինք եւ դաշտի հիւղակում, վայելեցինք այդ լաւ մարդու հիւրընկալութիւնը։ Սեւքարեցի Սաքոյի հայրենակիցն ու նրա պաշտողներից էր։

Վերջապէս, թուրքը եկաւ մեզ առաջնորդելու։ Գիշերով մեզ տարաւ իրենց գիւղը, կարծեմ, ինձ ձիով, մնացածներին ոտով։ Մոռացել եմ այդ թուրք գիւղի անունը․ գտնւում էր Շահթախթից ուղիղ վեր, ճիշդ Արաքսի ափին։

1904 թուին սոսկալի քոլերա կար, մանաւանդ այդ շրջանի թուրքերի մէջ։ Մեր առաջնորդի տանը անկողին ընկած չորս իւանդներ կային։ Ի հարկէ, մենք էլ նոյն յարկի տակն էինք։ Նոյն բաժակներով թէյ խմեցինք եւ նոյն ամաններով կերանք։ Բայց պատահականութի՞ւնը թէ մի այլ բան, թէ՛ ամբողջ ճանապարհի վրայ, մեզ վարակելուց փրկեց…

Կարծեմ մի երկու օր էլ մնացինք այդ թուրքի տանը։ Պէտք է «քալաք»[1] պատրաստէին եւ ռուս սահմանապահին տեսնէին իբր թէ։ Վերջը լուր բերին, թէ քալաքի պէտք չկայ․ գետը կարելի է անցնել եւ առանց քալաքի, որովհետեւ ջրերը շատ նուազել են։

Նոյեմբեր ամիսն էր։ Գետի ափերին արդէն ջուրը պաղել էր, բայց մենք՝ երեխայի յափշտակությամբ եւ հետաքրքրութեամբ շուտ տեղ հասնելով մտահոգուած՝ իսկոյն համակերպուեցինք։

Արաքսը այդտեղ 300-400 մեթր լայնութեամբ մի յարմար հուն ունէր։ Ճիշդ մէջտեղը կային մի քանի կղզնիեր, իսկ գիւղի ուղիղ տակը զինուորական սահմանապահ պահակն էր։

Գետի ափը չհասած՝ մի աւերակ տան մէջ մերկացանք, հագուստներնիս կապեցինք մեր գլխի վրայ եւ վազէ վազ մտանք պաղ ջրի մէջ, սկիզբը ծիծաղով ու կատակով, բայց քանի առաջացանք, սկսանք դողալ ու փոշմանել, բայց ուշ էր… Մեծ դժուարութեամբ հասանք առաջին կղզին․ մեր Մոսոյին եւ մի թուրքի ձգեցինք գետը իմանալու համար միւս կողմի խորունկութիւնը։ Մոօն լաւ լողուոր էր, խորասուզուեց եւ ձեռքերը բարձրացրեց դէպի վեր, բայց ձեռքերն անգամ չհասան ջրի երեսը։ Կատարեալ խայտառակութիւն, ո՛չ կարող ենք առաջանալ եւ ո՛չ էլ ետ դառլան։ Գետը մտնելու համար մենք ընտրել էինք այնպիսի րոպէ, երբ խուզարկու զինուորական խմբերը իրարից բաժանուած հակառակ կոմերն էին գնում։ Թէեւ մութ էր, արդէն երեկոյեան ժամը 8֊ից անց, բայց ո՛չ մի յոյս չկար, որ կարող ենք դառնալ։ Յետոյ, ո՞ւր դառնալ, չորս մարդ քոլերայով բռնուած թուրքի տո՞ւնը…

Թուրք առաջնորդը որոշում է, որ մենք կղզին սպասենք, իսկ ինքը գնայ միւս ափից քալաքը բերէ։ Համակերպւում ենք։ Նա գնում է։ Յետոյ ենք յիշում, որ մենք ո՛չ հաց ունինք, եւ ո՛չ էլ տղաքը ծխախոտ։ Միւս թուրքը առաջարկում է, որ ինքն էլ գնայ գիւղ՝ հաց եւայլն բերէ։ Յիմարաբար համաձայնւում ենք ե՛ւ նրա առաջարկին․ նա էլ է մեկնում։

Րոպէները ժամեր են կտրում։ Մենք սպասում ենք այս եւ այն ափից օգնութեան կամ այցելութեան, բայց ո՛չ ոք չկայ։ Սոսկալի յոգնած, պաղած, թրջուած, անօթի եւ յուսահատ նստել եւ խորհում ենք։ Տղաները, երեւում է որ, աւելի անհամբեր են, բայց լռում են, տեսնելով թէ ես ձայն չեմ հանում։ Վերջապէս, Յարութիւնն առաջարկում է, որ կրակ անենք, հաւատացնելով, որ կրակը՝ ջրի մէջտեղ արուած՝ մէկ ափից կʼերեւայ իբրեւ հակառակ ափին վառուած օջախ։ Համակերպւում ենք, որովհետեւ ուրիշ ճար չունինք։

Կղզին ծածկուած էր մի տեսակ սեւ փայտի թուփերով, որոնցից շատերը չորացել էին։ Իսկոյն հաւաքում ենք փայտեր, չոր եղէգ, եւ մի հսկայական խարոյկ պատրաստում ու շարւում նրա շուրջը։

Տաքութիւնը նինջ է բերում մեր վրայ։ Պառկում ենք հանգստանալու։ Կրակին դէմ արած մեր մէկ կողքը վառւում է տաքութիւնից, իսկ միւս կողքը՝ պաղում գետի հոսանքից։

Ի զուր տեղը այս եւ այն կողմն ենք դառնում մեր մարմինը տաքացնելու համար, բայց ճար չկայ… Տանջանքներով դիմաւորում ենք արշալոյսը, որը իր գեղեցկութեամբ ոչինչ չի խօսում, անգամ մեր սրտին։ Ուրեմն, թուրքերը խաբեցին ու չեկան։ Ի՜նչ յիմարն ենք եղել։ Այժմ ենք անդրադառնում որ, երկուսին էլ չպիտի թողնէինք, որ գնային եւ մենք մինակ մնայինք։ Բայց անցածը անցել է։ Մեր բախտից օրը տաք էր, եւ անձրեւ չեկաւ։

Մութն ընկնելուն պէս այս եւ այն ափն ենք վազում, մեր աչքերը չռում՝ տեսնելու համար մեզ այցի եկողներին, բայց չկան ու չկան…

Անսահման յուսահատութեամբ՝ բայց առանց իրար մատնելու մեր լքման զգացմունքները՝ դարձեալ ձեռնարկում ենք խարոյկի։ Այս գիշեր քնել չի լինում։ Մի կողմից՝ անօթութիւնը, միւս կողմից՝ սպասողական վիճակը մեզ ջղայնացրել են։ Տղաները ծխախոտի ճար արին, ծառի տերեւը հասարակ թղթով փաթաթելով ու ծխելով։ Ժամը մի քանի անգամ այս եւ այն ափն ենք վազում ձայն կամ մարդ նկատելու,— չկան…

Առաւօտեան դէմ Մոսօն վազէ վազ գալիս է աւետելու, որ քալաքկ գալիս է… Վերջապէս, հասան… Զայրոյթիծ չեմ կարող խօսել։ Պըպզելով տեղաւորւում ենք քալաքի վրայ եւ կրկին բաց թողնում լողալու…

Վերջապէ, պարսկական ափն ենք․ ազատ կարող ենք շունչ քաշել։ Անպիտանները մեր սիրտը շահելու համար չէին մոռացել հաց եւ այլ ուտելիքներ բերել։ Հաց ուտելուց յետոյ, դիմում են բացատրութիւնների։ Բանից դուրս է գալիս, որ տիկեր չեն գտել քալաքի համար, այդ պատճառով էլ ուշացել են։

Վերջապէս, մենք փրկուած ենք, սեւ մտքերը վանում ենք դէպի հեռուն…։

Այնուհետեւ ինձ վիճակուեց թէ՛ Երկրում եւ թէ՛ Պարսկաստանում ճաշակել կրկին դառնութեան բաժակներ։ Բայց դրանից եւ ո՛չ մէկը այնքան չի տանջել եւ, մանաւանդ, այնքան մանրամասնութեամբ չի տպաւորուել գլխիս մէջ, որքան այս երկու գիշերները։ Այժմ, 13 տարուց յետոյ, դարձեալ յիշում եմ այդ երկու գիշերուայ բոլոր սարսափելի րոպէները եւ այն մտորումները, որ ես ունեցել եմ այդ ժամանակ…։

Պարսկական սահմանի թուրք գիւղից վարձում ենք մի կառք եւ գիշերով մեկնում դէպի Խոյ։ Ճանապարհի ամբողջ երկարութեամբ իջեւանում ենք քոլերայով վարակուած գիւղերի մէջ։

Յանկարծ, երբ վերջանում է Մաուի խանութեան սահմանը, մեր առաջ տնկւում են թիվանկչի սարբազներ։ Սրանք ազդարարում են, որ իրենք նշանակուած են Մակուի Սարդարի կողմից հսկելու եւ արգիլելու, որ երպեւեկութեան երեսից միւս գաւառներից քոլերան չմտնի Մակուի խանութեան սահմանները։

Ո՛չ այն է՝ զայրանանք, ո՛չ այն է՝ խնդանք։ Ինչպէ՞ս թէ քոլերայի բացիլ չմտնի․ չէ՞ որ ամբողջ ճանապարհի վրայ մեռած բազմաթիւ մարդիկ տեսանք նոր թաղելի, շատերը անտէր եւ անթաղ ինկած ճանապարհների եզրին եւ բազմաթիւ հիւանդներ՝ գիւղերի մէջ։

Ես շատ էի լսել Պարսկաստանի «Թոփրաղ Բաստի»ի, «Չայ Փարասի»ի եւայլնի մասին։ Կառապանին յայտնեցի, որ սակարկութեան մտնէ եւ ճամբու դնէ։ Մէկ ժամ տեւող «Ման օլամը» «Սան օլասանը» «Սարդարըն բաչը իւչիւն» վերջացաւ նրանով, որ երկու թուման դրամ առին եւ մեզ ճամբայ տուին մեր ուղին շարունակելու։

Վերջապէս, կոտրուած ու ջարդուած հասնում ենք Խոյ, իջեւանում՝ շուկայի մօտ մի մեծ խանի մէջ։ Քոլերան այդտեղ էլ սկսել էր իր հունձքը… Պէտք էր շուտով հասնիլ եւ գտնել մերոնց։

✻✻✻

Այդ ժամանակ Խոյ, Սալմաստ եւ Թադէի Վանքը ունէինք սահմանագլխի կոմիտէներ, որոնք զբաղւում էին երկիր զէնք, ռազմամթերք եւ ընկերներ — խմբեր ճամբելով, երկրի եւ արտասահմանի միջեւ յարաբերութիւններ պահպանելով։

Այդ կոմիտէները, գլխաւորութեամբ Թաւրիզի Կ․ Կոպիտէի, եղել են, ճիշդ է, մեծապէս Երկրի համար աշխատող եւ անգնահատելի օրգաններ, բայց նրանք մեծ դեր են կատարել եւ Ատրպատականի հայոց կրթական, իրաւական, ինքնապաշտպանութեան եւ այլ գործերի մէջ։ Մակուի, Խոյի, Սալմաստի, Ուրմիի, Թաւրիզի եւ ուրիշ վայրերի բոլոր դպրոցների հիմնադիրներն եղել են Երկիր գնացող, կամ Երկրից եկող ու ժամանակաւորապէս այդ շրջաններն ապաստանող յեղափոխական գործիչներ, ո՛չ միայն մեր կուսակցութեան, այլեւ միւս կուսակցութիւններին պատկանող։

Ամէն մի կոպիտէ ունէր իր ներկայացուցիչները, որոնց այն ժամանակ մենք կատակով անուանում էինք «Դաշնակցական Խաներ»,— միշտ դրսեցի՝ ե՛ւ ռուսահայ, ե՛ւ թուրքահայ, ե՛ւ ամերիկահայ։

Ներկայացուցիչն ունէր իր տրամադրութեան տակ մի քանի սենեակնոց բնակարան, մի քանի զինուորներ, ձիեր եւայլն։ Սրանք, այսպէս կոչուած, Դաշնակցութեան կայաններն էին եւ ներկայացուցիչները՝ կայանի պետեր։

Նրանք էին հոգում երկրից եկող եւ գնացող, արտասահման անցնող ընկերների պէտքերը, — ապրուստը՝ քանի որ այնտեղ են, ճանապարհածախս, անցագիր, ճանապարհի դիւրութիւններ եւայլն։ Նրանք էին տեղաւորում եւ պաշտպանում դրսից եկած զէնքերը, ռամամթերք եւ այլ ապրանքներ՝ Երկրի համար։

Նրանք էին այդ ապրանքները, մաս առ մաս, Երկրից եկած եւ իրենց գտած սուրհանդակներով Երկիր փոխադրում։

Նրանք էին Երկրի հետ նամակային յարաբերութիւն պահողը, դարձեալ սուրհանդակներով՝ թերթ, ընթերցանութեան այլ նիւթեր ուղարկողը եւայլն։ Մի խօսքով, նրանք ե՛ւ մեր հաղորդակցութեանց միջոցն էին, ե՛ւ մեր դրսի հետ յարաբերելու խողովակը, ե՛կ ամէն բան։

Պէտք է ասել, որ այդ սահմանագլխի գործունէութիւնը նոյնքան դժուար ու զոհողութիւն պահանջող էր, որքան ե՛ւ Երկրի։ Բայց առհասարակ ամէնքը, մանաւանդ իրենք՝ ներկայացուցիչներն իրենց դերի մասին շատ քիչ կարծիք ունէին, իբր թէ ո՛վ Երկիր չի մտել, նա յեղափոխական ցենզ չունի, այսպէս կոչուած թիկունքի հերոս է․ միայն վախտոկներն են սահմանի վրայ նստում եւ այլ նման անարժէք առարկութիւններ։ Ամէնքը մոռանում էին, սակայն, որ առանց դրանց Երկրի գործունէութիւնը անհնարին էր եւ որ նրանք այդ գործունէութեան մի մասնիկն էին։

Պարսից կառավարութիւնը, ի հարկէ, այս բոլորը տեսնում էր, տեսնում էր եւ լռում։ Թէ ինչո՞ւ, այդ մասին պէտք է կարդալ սահմանագլխի ընկերների յիշողութիւնները։ Պէտք է ասել, որ մենք, ի հարկէ, որոշ չափով արտաքին երեւոյթը պահում էինք․ մէկը վարժապետ էր, միւսը՝ տեսուչ, երրորդը՝ առաջնորդի փոխանորդ, մի ուրիշը ատամնաբոյժ կամ լուսանկարիչ եւայլն։

Այս կոպիտէների բիւտջէն մեծ մասով ապահովուած էր կուսակցութեան կեդրոնական սնտուկից։ Ի հարկէ, երբ դրամ կար այդ սնտուկի մէջ։ Իսկ շատ յաճախ այդ ներկայացուցիչները անձնական որեւէ պաշտօն կամ սեփական գործ ունէին եւ դրանով էին ապրում։ Զուտ տեղական եկամուտները ամենալաւ կազմակերպուած ժամանակներն անգամ չնչին բաներ էին, որովհետեւ տեղական դրամական զոհողութիւնները մեծ մասամբ վերապահում էին տեղական մշակութային կարիքներին։

Այդ ժամանակուայ Խոյի ներկայացուցիչն էր Ամերիկայից եկած մի երիտասարդ ընկեր — Մալխասը՝ Ա․ Յովսէփեանը, որը Ամերիկայից հետը բերել էր ամերիկացիներին յատուկ բոլոր տարօրինակութիւնները, որոնք յաճախ զաւեշտականութեան էին հասնում… Բայց պատմեմ իմ գլխուն եկածը։

Տղաներին թողնելով շուկայի խանի մէջ, ինքս անճամբ գնացի հայոց թաղը՝ մեր պարոններին տեսնելու եւ կարգադրութիւն խնդրելու մեր վիճակի մասին, թէեւ մարդ էի ճամբել եւ երկար սպասել անպատասխան։

Հարցուփորձով, վերջապէս, գտնում եմ «մեր տունը», որ այն ժամանակ Հայոց թաղը չգիտեմ ո՞ր փողոցն էր, գերմանական առաքելութեան ճիշդ դէմը։ Դուռը ծեծում եմ․ գալիս է ծառան կամ գուցէ զինուորներից մէկը։ Հարցնում եմ․ — Պր․ Արտաշէս Յովսէփեանը տա՞նն է։

— Այո՛։

— Խնդրում եմ դուրս կանչել, կարեւոր գործ ունիմ…

— Խնդրեմ, սպասեցէք այստեղ (դռան անցքում, բայց ներսից) ե՛ս նրան կանչեմ…

Մի քանի րոպէ անց տեսնեմ գալիս է երկար մազերով, բանաստեղծի շարժումներով, միջահասակ մի պարոն եւ հարցնում է ինձ․ — Դուք ինձ կը հարցնէիք կոր։

— Այո՛, ես Թիֆլիսից եմ գալիս, նամակ ունիմ ձեզ եւ խնդրանք։

— Խնդրեմ։

Նամակը տալիս եմ․ Բժ․ Տ․ Դաւթեանն էր գրել, մի քանի խօսք․— «Նամակաբերը մեր լաւ ընկերներից է, գալիս է Վան անցնելու, խնդրում ենք ամէն դիւրութիւն ցոյց տալ…»։ — Ախպա՛ր, մենք հոս իշու գլուխ ենք, ի՞նչ է․ տարիներով հոս կը սատկինք, կը նստինք, որ Երկիր երթանք․ անդին Թիֆլիսէն այսօր կու գան հոս, վաղը մեկնիլ կʼուզեն…

Չգիտէի, թէ ի՞նչ ասեմ։ Ճիշդն ասած՝ մի քիչ վախեցայ․ ասեցի՝ չլինի՞ թէ ինձ խանգարէ։ Մէկ էլ դարձաւ ինձ, նայեց ոտքերիս եւ դեւոտուեց, — նկատելով, որ ես երկարավիզ կօշիկներով եմ… — Ախպա՛ր, աս ի՞նչ խայտառակութիւն է․ չէ՞ք գիտեր, որ հոս մենք ամէն զգուշութիւն կʼընենք, որ կառավարութիւնը չնկատէ ֆիդայիներու անցուդարձը։ Վերջերս խիստ հսկողութիւն կայ, կʼուզեն մեզ ձերբակալել, դուք ալ կու գաք ու շուկայի մէջ ասանկ ճըզմաներով կը պտտիք կոր… Բէ՛, ախպար, սա ի՞նչ բէլա է…

Չգիտէի, թէ ի՞նչ ասեմ․ կʼուզէի ներողութիւն խնդրել։ Բայց այնպիսի մի վիրաւորանքի զգացում, այնպիսի մի ապշութիւն եկաւ վրաս, որ խօսել չկարողացայ եւ ապուշի պէս յենուեցի պատին՝ վիրաւոր ու կապուած ձեռքերս կուրծքիս բռնած…

Վերջապէս, հաճեցաւ ներս հրաւիրել։ Բայց, փոխանակ իր սենեակը տանելու, առաջարկեց քովի սենեակը զինուորների մօտ նստիլ։ Գլխիկոր, յանցաւոր ներս եմ մտնում սենեակը, ուր մի քանի զինուոր կար․ ոմանք հաց էին ուտում, ուրիշներ թէյ խմում, իսկ մի երկուսն էլ գետնի վրայ փամփուշտներ էին ջոկում։ Նստելու տեղ կամ աթոռ չկայ․ ո՛չ ոք, ի հարկէ, իր տեղը ինձ չի տայ։ Նստում եմ ցածլիկ լայն պատուհանի առջեւ եւ նոր եմ նկատում, որ Մալխասն էլ յետեւիցս է ներս մտել։ — Կօշիկներնիդ իսկոյն հանեցէք եւ տակէն հագէք, ասանկ խայտառակութիւն չըլլար…

Վիրաւոր ու կապուած ձեռքերով, շատ մեծ դժուարութեամբ քաշում եմ կօշիկները ոտներիցս, որ ութը օրից աւելի չեն հանուել, եւ փորձում եմ մեծ դժուարութեամբ հագնել։ Զինուորներից ո՛չ ոք չի՛ փորձում ինձ օգնելու։

Մալխասը անցնում է առանձնասենեակը։ Այնտեղ նրան սպասում էր մի վարդապետ։ Նստած, սպասում եմ իրերի ընթացքին։ Յանկարծ, ներս է մտնում մի վաղեմի ծանօթ, Փայլակը — Ռուբէն Դերձակեանը, որի հետ ես ծանօթացել եմ Բագու։ Մի ուրիշ ընկերոջ հետ Սիբիրից դառնալով, նա Քրիստափորի մօտ էր եկել տեսնուելու եւ գործ խնդրելու։ Քրիստափորը իմ միջոցով նրան ճանապարհածախս տուեց եւ խնդրեց որ ես համբու դնեմ։ Այն ժամանակից ծանօթացել էինք իրար հետ։ Ինձ տեսնելով, ուրախացավ եւ գրկախառնուեց։ Իսկոյն զինաթափ եղայ իմ զայրոյթից եւ յուսահատութիւնից, փառք տուի պատահականութեան, որ, վերջապէս, մի ծանօթ գտայ… — Ապա ինչո՞ւ ես հոս նստեր․ ինչո՞ւ ներս չես գացեր․ ո՞ւր է ան Մալխասը…

Տղաները յայտնեցին, որ առանձնասենեակն է եւ տեսակցութիւն ունի Նախվվկայի վանքի վանահօր հետ։ Իսկոյն գոռգոռալով ներս գնաց եւ եկաւ ինձ տանելու։ Վարդապետն արդեէն մեկնած էր, Փայլակը ինձ ներկայացրնում է։ — Ծանօթացա՞ր… մեր լաւ տղաներից է։

— Այո՛, տեսնուեցի։ Կը հասկնա՞ս, Փայլա՛կ, սա շունշանորդի թիֆլիսեցիներուն նայէ, ամբողջ տարի մըն է, կը պոռամ, կʼաղաչեմ, որ ինթի արտօնեն։ Մէկը ճամբեն իմ տեղս, որ ես Երկիր երթամ․ նորէն հոնկէ կʼուղարկեն Երկիր, իսկ մենք պիտի դատապարտուինք դարձեալ հոս նստելու, աս աջէմներուն մէջ…

— Թո՛ղ, ախպէր, քո հեքիաթները․ նայինք՝ մարդը ի՞նչ նորութիւններ է բերեր Կովկասէն։

Նախ՝ խնդրում եմ, որ կարգադրութիւն անեն ընկերներիս համար, որոնք խանը ինձ են սպասում։ Ապա անցնում ենք գործի։ Իսկույն կարգադրւում է, որ զինուորներն երթան՝ տղաներին բերեն։

Պատմում եմ գիտցածս նորութիւնները։ Երեւում է, որ խօսքերս տպաւորութիւն են թողնում Մալխասի վրայ։ Ընդբռնում է, որ ես լաւատեղեակ եմ եւ, «Բիւրո»յին մօտ մարդ։ Իսկոյն պաշտօնական եղանակը փոխւում է մտերմականի․

Ախպա՛ր, ձգէ սա «դուք»ը, «պարոն»ը, — եւ մարդու պէս խօսէ հետս։

Այնուհետեւ Մալխասը շտապ֊շտապ, ասես ետեւից վազող կար, պատմում է իր շրջանի, մանաւանդ, ինձ վերաբերող լուրերը։

Բանից երեւում է, որ մի երկու շաբաթ առաջ վանքի գծով մեկնել է մի խումբ, Տիգրանի գլխաւորութեամբ։ Յետոյ անցել է Հնչակեանների մի գործիչ, ոմն Աշոտ, վանեցի Հաջի Յակոբի ուղեկցութեամբ։ Տեղեկանում եմ, որ Սալմաստի գծերը փչացել են Դումանի մռուի եւ, մանաւանդ, Փոխիկի խմբի ջարդուելուց յետոյ։

Անդրանիկը նոր էր դուրս եկել Վանից․ դեռ շարունակւում էր նրա զինուորների եւ մշեցի փախստականների քարաւանի շարանը։ Եւ, որ գլխաւորն է, որովհետեւ Սասունի գործը վիժել էր, եւ զինուորական ուժերի հոծ մի բազմութիւն ապաւինել էր Վասպուրական, կառավարութեան ուշադրութիւնը դարձել էր Վանի վրայ։

Արդէն Անդրանիկի ներկայութեամբ երկու կռիւներ եղել են․ մէկը՝ Աղթամարի կղզին, միւսը՝ Այգեստանի մէջ, այսպէս կոչուած Մուրոյի դէպքը։ Անդրանիկից յետոյ էլ երկու կռիւ ունենում է Իշխանը, Նարեկ գիւղի մէջ եւ մի քանի մանր ընդհարումներ այս եւ այն գաւառում։

Բայց այս բոլորը լայն արձագանգներ չեն գտնում, — մի կողմից՝ վախկոտ ու խաղաղասէր Թահիր փաշայի շնորհիւ, միւս կողմից՝ Վանի յեղափոխական գործիչների ջանքերի հետեւանքով․ նրանք իսկոյն արտասահման են ճամբում աւելորդ զինուորական ուժերը․ պահում են կազմակերպական֊զինուորական հրահանգչութեան ընդունակ սակաւաթիւ տարրեր՝ երկար ժամանակ լռիկ մնջիկ աշխատելու եւ արտաքուստ չերեւալու համար։

Այս լուրերն ինձ համար, ինչպէս ասացի, անախորժ էին․ որովհետեւ նախ իմ գնալս, եթէ ո՛չ անկարելի, գէթ հարցական էր դառնում — աշնան եղանակին։ Իսկ տղաների — Յարութիւնի, Նիկոլի եւ Մոսոյի — ինձ հետ գալը՝ անկարելի։

Պէտք է գիտնալ, որ ամենայարմար եղանակը, փախստական խմբով կամ նոյն իսկ մի երկու հոգւով գնալու համար, աշնան եղանակն է — Սեպտեմբերից Հոկտեմբեր, երբ քրդերը քաշւում են սարերից եւ գիշերուայ երկարութեան պատճառով կարելի է որոշ ճանապարհ կտրել։ Միւս բարեպատեհ շրջանը վաղ գարնան է — Մարտից֊Մայիս, մանաւանդ գարնան սկիզբը, երբ ձիւնը «քիրշա» (եղուրճ) է բռնում, այսինքն՝ ամրանում է եւ կարելի է վրայից քայլել։ Միւս կողմից էլ, ի հարկէ, քրդերը ցրտերի պատճառով զօղան բարձրացած չեն լինում։

Իսկ ձմեռը բուքի ենթարուելու վտանգը կայ, մինչ ամառը անխուսափելի է քրդերի հանդիպումը, որոնք որսորդական շների պէս հոտ առնել գիտեն եւ, եթէ մի անգամ տեղդ գիտցան, ազատում չկայ, եթէ, ի հարկէ, պարսկական սահմանի մօտ չես։ Այդպիսի դէպքում խմբերը մինչեւ երեկոյ կուում են եւ յետ փախչում․ այլապէս ամէն կողմից ստուար բազմութեամբ քրդերը բազմաթիւ օղակներ են կազմում եւ ջարդում։ Այս բոլորը կատարւում է մեծ մասամբ ո՛չ թէ այն պատճառով, որ քրդերը թուրք պետութեան հաւատարիմ են, ուզում են պետական պարտականութիւն կատարել, — ամենեւին ո՛չ, — այլ զուտ թալանի նպատակով։ Ամէնքը գիտեն, որ ֆիդային լաւ զէնք, լաւ ձի, լաւ հագուստ, դրամ, ժամացոյց, դիտակ եւայլն ունի․ ամէն ոք շտապում է մի բան փրցնելու դիտաւորութեամբ։

Յամենայն դէպս, Մալխասէն խնդրում եմ, որ գէթ ինձ մինակ շտապով ճամբէ Վան, գուցէ որեւէ պատեհութեամբ ես էլ այս ուշացած եղանակին ներս կարողանամ անցնիլ։

Բարեբախտաբար, վանքի զինուորները հէնց նոր էին եկել ռազմամթերք տանելու։ Մալխասը խոստանում է հէնց վաղն եւեթ ինձ նրանց հետ ճամբել, հետս դնելով եւ իմ լաւ ծանօթ Փայլակին, որ ինձ աջակցի շուտ մեկնելու։

Թադէոս Առաքեալի վանքը գտնւում է Մակու, պարսկա֊թուրք սահմանագլխի վրայ, Աբաղային սահմանակից, թուրքական Կարէնի մեծ գիւղից մէկուկէս ժամ հեռու, իսկ թուրքական սահմանից ձիով վեց ժամ հեռաւորութեան վրայ։

Խոյից մինչեւ վանք 14 ժամուայ ճամբայ է ձիով, այն էլ լաւ քշելու պայմանով։ Ո՛չ մի հայ գիւղ չկայ ճանապարհին։ Այնպէս որ Խոյից վանք պէտք է երթալ մի շնչով, մի գիշերուայ մէջ։ Գիշեր եմ ասում, որովհետեւ գնացողները զինատար կամ ռազմամթերք տանող խմբեր են լինում, որոնք չեն ուզում ընդհարումներ ունենալ Գորելի ձորի եւ Գեադուկի (կիրճ) մէջ ապրող շատ ռազմիկ քրդերի եւ թուրքերի հետ։

Թադէի վանքը, ինչպէս յետոյ կը տեսնենք, երկիր ռազմամթերք եւ մարդ փոխադրող ամենախոշոր խողովակն էր։ Խոյից վանք ռազմամթերքը միշտ փոխադրել ենք մեր միջոցներով, այսինքն՝ մեր զինատար խմբերով, կամ վանքի քարաւաններով՝ վանքի ապրանքներ անուան տակ։ Մի քանի փորձեր են եղել Շահթախթից կամ Ղամարլուից ուղղակի վանք ապրանք տեղափոխելու, քրդերի կամ թուրքերի միջոցով․ բայց յետոյ այնքան է աղմուկ դուրս եկել, այնքան ուռուցիկ կերպով այդ լուրերը տարածուել են շրջանի թուրքերի եւ քրդերի մէջ, որ վանքի գոյութիւնը շատ անգամ մազից է կախուած եղել։ Այդ պատճառով սահմանագլխի գործիչները ստիպուած են եղել մեր միջոցով կատարել այդ տեղափոխութիւնը որ անաղմուկ լինի։ Տեղափոխութիւնը կատարւում էր շատ հասարակ ձեւով։ Տեղափոխում էին կամ վանքի գիւղացիք, որ լաւ ռազմիկներ եւ կտրին մարդիկ էին, կամ Սարդարի սարբազները, որ գալիս էին Խոյ ապրանք փոխադրելու եւ կամ Խոյի ու Սալմաստի զինուորները՝ 10—15 ձիաւոր՝ իրենք էին տանում ապրանքները վանք ու վերադառնում իրենց տեղերը։ Իսկ եթէ զինուած խմբեր էին Երկիր գնում, ուղղակի իրենք իրենց պատրաստութեամբ Սալմաստից կամ Խոյից մեկնում էին վանք եւ ապա՝ Երկիր։

Յարութիւնի, Նիկոլի ու Մոսոյի սրտերը, ի հարկէ, սեւացան, երբ իմացան, որ իրենք հետս չեն կարող գալ, բայց խորհրդակցեցինք, որ վանքից անպայման նրանց կանչեմ եւ միասին երթանք։

Միւս օրը երեկոյեան դեռ մութը չկոխած՝ Խոյից մեկնեցինք դէպի վանք։ Վեց ժամ անդադար պէտք է Խոյի դաշտը կամաց կամաց բարձրանալ մինչեւ Մակուի սարահարթը։ Սարերի լանջերին արդէն ձիւնը ընկել էր, իսկ գագաթները վաղուց էին ճերմակել։ Տասնեւչորս ժամ Մակուի լեռնային ցրտի մէջ, ձիով, բայց մեծ մասամբ ոտով, տաքանալու համար, ճանապարհ կտրելով, վերջապէս, հեռուից տեսնում ենք վանքի գմբէթները։

«Թադէի Վանուց ձայնիկդ ինձ դիպաւ…»։

Միտքս սլանում է դէպի հին֊հին դարեր եւ մօտակայ ժամանակներ։ Սա ի՞նչ ճակատագրական զուգադիպութիւն է․ Հին Հայաստանի Լուսաւորիչները, նոր կրօնի առաքեալները այս ճանապարհով են անցել եւ նրանցից շատերը այս մեծ ճանապարհի վրայ են ընկել։

Այստեղով են անցել եւ երիտասարդ Հայաստանի առաքեալները՝ Սերոբ Փաշան, Անդրանիկը, Աղբէրը, Սասունի Վահանը, Դաշտի Հրայրը, Վարդգէսը, Պետօն, Իշխանը, Կոմսը, Ռուբէնը, Շաւրոն, Սարգիսը, արմենական Աւետիսը, հնչակեան Փարամազը, եւ դեռ շատ ուրիշներ, — անուանի հին եւ նոր, փորձուած երիտասարդներ։

Նրանցից շատերն էլ ընկել են այս մեծ ճանապարհի վրայ… Բայց հին առաքեալներն աւելի երջանիկ էին․ ահաւասիկ նոցա յիշատակի բարձրաբերձ կոթողը։

Հրէ՛ն Թադէի վանքի գմբէթները, — ձայնում է Փայլակը։

Խե՜ղճ Փայլակ, չէիր մտածում, որ դու էլ Թադէի վանքի ճանապարհով մի անգամ Վան պիտի երթաս՝ այլեւս ետ չդառնալու համար։

Թադէի վանքը Վանի չեղափոխական, ազգային,հասարակական֊կրթական գործունէութեան գլխաւոր նաւահանգիստն էր։ Վանը՝ բռնակալութեան ժամանակին՝ առաջդիմութեան, յեղափոխական գործունէութեան եւ գործիչների բազմութեան մեծագոյն մասը պարտական է այս վանքին, որ ճակատագրի մի բարեբախտ դիպուածով ընկել եւ մնացել է այս հոծ քրդութեան եւ թրքութեան մէջ, իբրեւ մի փրկութեան ովասիս։

Վերջապէս, հասնում ենք վանքի գիւղը։ Շների հաջոցը իրար է խառնւում։ Ահա՛ եւ վանքի դուռը։ Բաւական դժուարութեամբ արթնացնում ենք ծառաներին։ Դուռը բացում են եւ մեզ առաջնորդում դէպի վանքում նստող ներկայացուցչի դուռը։ Վանքում այն ժամանակ շատ սենեակներ չկային։ Մնացել էին միայն քարուկիր երկու խուցեր․ մէկի մէջ նստում էր վանահայր Գէորգ Վարդապետ Նալբանդեան — մեզ մօտ յայտնի էր Ընծայը կեղծանունով —, իսկ միւսում՝ կուսակցութեան ներկայացուցիչը, որը այն ժամանակ Թաւրիզից եկած մի պարոն էր՝ Արտուր կեղծանունով։

Արտուրի դուռը ջղայնօրէն ծեծում է Փայլակը։ Բայց նա մրափի մէջ չգիտէ թէ մենք ի՞նչ վիճակի մէջ ենք դուրսը։ Վերջապէս, արթնացաւ եւ, երբ իմացաւ, որ նորեկներ ենք, այն էլ Խոյից եկած, մերժեց դուռը բանալ, ի նկատի առնելով որ մեզ հետ կը լինին անպայման քոլերայի բացիլներ։

Փայլակի սպառնալիքներն ու հայհոյանքները մի բան չարժեցին։

Գլխիկոր դառնում ենք դէպի վանահօր խուցը։ Դուռը, ի հարկէ, անմիջապէս բացում է։ Ներս ենք մտնում եւ խնդրում վառարանը վառել եւ ինքնաեռ դնել մեզ համար։ Իսկ մինչեւ այդ՝ Փայլակն ու Վարդապետը մէկ֊մէկ կոնծում են Փայլակի խուրջինը եղած օղիից իմ կենացը։ Շուտով հասնում է եւ թէյը։ Մի քիչ տաքանալուց եւ թէյ խմելուց յետոյ՝ անկողին ենք մտնում ջարդուած եւ փետացած մեր մարմնին հանգստութիւն տալու։

Անուշ քնից ինձ արթնացնում է Փայլակի եւ Արտուրի հայհոյանքներով համեմուած վէջը։ Ճար չկայ, պէտք է ելնել։ Աչքերս բանալս եւ տեղիցս ցատկելս մէկ եղաւ․ որովհետեւ վէճը տաքանում էր։ Հագնուեցի․ ծանօթացանք Արտուրի հետ․ վէճին միջամտեցի եւ հաշտութեան եզր գտանք, որը, յամենայն դէպս, իմ միջամտութեան շնորհքը չէր, այլ Փայլակի բերած մի քանի շիշ կոնեակի եւ օղու, որ գնուած էր իմ դրամով՝ ճանապարհին գործածելու համար։

Վանքին, շրջապատին, գիւղին ծանօթանալուց յետոյ՝ դիմում եմ Վարդապետին հարցնելու իմ առաքելութեան մասին, իմանալու, թէ հնարաւորութիւն կա՞յ արդեօք այս օրերին անցնելու համար։

Վարդապետը նոյնպէս կրկնում է, որ ուշ է․ սարերն արդէն ձիւնով բռնած են, բուք է ու բորան։ Բայց եւ այնպէս շատ թախանձանքիս հետեւանքով՝ յոյս է տալիս, որ մի փորձ կʼանենք․ «Եթէ Աբազայի գիւղերէն հայեր եկան, մեր սուրհանդակ֊փոխադրողները՝ լաւ։ Եթէ ոչ, կʼաշխատինք մեր տեղական քիւրդ սուրհանդակների հետ ճամբել քեզ»։

Իսկոյն մարդ ենք ճամբում քրդի տունը, որ վանք գայ՝ խօսելիք ունինք։ Քիւրդը մի երկու օրից գալիս է, վերջապէս։ Վարդապէտը լաւ քրդախօս էր եւ, առհասարակ, մեծ հեղինակութիւն ուներ շրջանի թուրք եւ քիւրդ տարրի մէջ։ Նա է առանձնանում եւ երկար֊բարակ խօսում ու հարցաքննում, թէ ի՞նչ պարագաների տակ տանի ինձ։

Վերջապէս, փոխադարձ համաձայնութեամբ գտնում են, որ մեկնելը հնարաւոր է։ Խօսք է տալիս, որ տուն կʼերթայ ճամբու պատրաստութիւններ կը տեսնէ եւ մի քանի օրից տղային կը ճամբէ վանք, ինձ իրենց գիւղը տանելու։ Իսկ այն կողմը պիտի առաջնորդէ ինքը, մինչեւ Վան։

Մինչ այս, մինչ այն, վանք է գալիս եւ Յարութիւնը։ Շատ ուրախ եմ, որ ծանօթ եւ վստահելի մի ընկեր հետս կը լինի, մանաւանդ, որ նա երկրացի է, երկրի սովորոյթները եւ կարգերը գիտէ, եւ լաւ քրդախօս է։

Մենք էլ մեզ համար ենք սկսում պատրաստութիւն տեսնել։ Պիտի գնայինք ցերեկը, ի հարկէ, ծպտուած տեղական տարազով եւ արտաքինով։

Անհրաժեշտ էր, որ հագուստ գտնէին երկուքիս համար։ Այդ մեծ դժուարութիւն չունէր․ որովհետեւ պիտի հագնէինք հին հագուստներ, որ աչքի չընկնէինք։ Հագուստը գնեցինք հէնց վանքի գիւղացիներից։

Մեծ դժուարութիւնը մի այլ գործի մէջ էր։ Այն ժամանակ ես հազիւ 22֊23 տարեկան էի, դեռ երես ածիլելը ինչ է չգիտէի։ Ի հարկէ, բեղ֊մորուս ունէի եւ անհրաժեշտ էր, որ ածիլուեմ։

Բայց ո՞րտեղից գտնել այս սարի գլխին կանոնաւոր սափրիչ, գէթ ածելի․ ո՛չ, այս կայ, եւ ո՛չ այն։ Դէս ու դէն ենք ընկնում։ Վերջապէս, յայտնում են, որ գիւղի ու վանքի ամենալաւ «թրաշչին» վանքի ծառայ Սահակն է, որն ունէր մի լաւ սուր դանակ, որով, ե՛ւ ոչխար էր մորթում, ե՛ւ փայտ կտրում եւ մարդու երես ածիլում… Ճար չկար․ ոնց որ եզը կը տանեն սպանդանոց, ինձ էլ նստացրին Սահակի առջեւ։ Տնաքանդը սապոնով «թրաշ» անելու սովորութիւն էլ չունէր․ այդ բանը նրա գլուխը ձգեց Յարութիւնը։ Վերջապէս, երկար֊բարակ նախապատրաստութիւններից վերջը՝ դանակը սրեց եւ գործի սկսաւ։

Ղըրթա ղըրթ․ անտէր երեսս շատ սարթ է․ խեղնի դանակը չի կտրում․ սոսկալի ցաւ է պատճառում արդէն այստեղից այնտեղից մի քանի ածելի առնելը։ Իսկ, երբ մի երեսս վերջացրեց եւ սկսեց վիզս, ուղղակի ահռելի էր։ Դիմանալ չկարողացայ։ Արդէն մի քանի տեղից կտրել էր, տղայի պէս խռովեցի եւ ըմբոստացայ։ Վարդապետը, Փայլակը, Արտուրը եւ Յարութիւնը կանգնած կը խնդային ու կը հեգնէին։ Միայն վերջինն էր, որ փորձեր էր անում օգնել։ Ծառան վախեցած փախաւ։ Գործը շարունակեց Յարութիւնը։ Մնացածը երեւակայելու է։ Վերջանալուց յետոյ ամբողջ երեսս արիւնոտուել էր։

Քիւրդը, բարեբախտաբար, մի քանի օր ուշացաւ։ Երեսս ամբողջովին վէրք էր։ Այս հալով եւ այսպիսի բուք բորանին ճամբայ ելնելու ժամանակը չէր։

Քիւրդը եկաւ, վերջապէս։ Մենք հագնուած պատրաստ ենք․ տակից կապած մէկ֊մէկ տասնոց եւ Սմիտ ատըրճանակներ․ ամէն մէկի ջէբը՝ մի քանի մէջիդ դրամ (շատ դրամ վերցնելու զգուշանում էինք, որ հէնց տանողը մեզ չսպաննէ դրամի համար)․ մէկ մէկ շալակ մեր հացը, մէկ մէկ աւելորդ չարուխ եւ գուլպայ կրծքերնիս կախած՝ ճանապարհին փոխելու համար․ ամէն մէկի ձեռքը՝ մի դագանակ ձիւնի մէջ չխրուելու համար։

Անջատման արարողութեան վրայ, երբ վերջին անգամ Վարդապետը քրդին դառնալով ասաց․

Գիտցէ՛ք, որ դու, քո հայրը եւ ձեր ամբողջ տանիքը «Կոմիտայի» առաջ պատասխանատու էք, եթէ այս մարդկանց քիթը արիւնի…

Քիւրդը իսկոյն այլայլուեց, վախեցաւ եւ հրաժարուեց մեզ տանել։ Մենք, ի հարկէ, շատ տխրեցինք․ ինչպէս որ երեխաներին հագցնեն՝ հարսնիք տանելու համար եւ յանկարծ յայտնեն, թէ չէք երթայ…

Ուրեմն, մնացինք սահմանագլխին, կամ վանեցոց ասածի պէս․— Մէջ Արարք, մէջ Վարագ, Արարքի եւ Վարագի միջեւ։

Սկսում եմ ծանօթանալ մեր կուսակցական գործերին, ուսումնասիրում եմ վանքի կատարած դերը, փոխադրութեան ձեւերը, դէպքերն ու դէմքերը։

Նախ սկսեմ Վարդապետից։ Ինչպէս ասացի, այն ժամանակ վանահայր էր Գէորգ Վարդապետ Նալբանդեանը։ Սա բնիկ Ուրֆայից էր, Աղթամարի միաբան։ Մեծ դէքպին (1869ին) իբրեւ յեղափոխական՝ աքսորուած էր Պոլիս, այնտեղից անցել էր Բուլգարիա եւ մերոնց գործակցել։ Այնտեղից ծանօթ էր Վարդգէսի, Վահան Մանուէլեանի եւ շատ ուրիշների հետ։

Իմ վրայ նա մի լաւ աշխատող, շինարար եւ հայրենասէր մարդու տպաւորութիւն է թողել, թէեւ ընկերներից շատերը նրան չէին սիրում։ Ճիշդ է, նա մի քիչ մամոնասէր էր, ինչպէս բոլոր վարդապետները։ Բայց եւ այնպէս մեր վերածնունդի համար մեծապէս տառապող հայ վարդապետներից մէկն էր։

Նրա օրով վանքը շէնացել էր․ մի նոր ջրաղաց էր շինել, նոր առու հանելով․ հին եւ նոր ջրաղացի համար քարեր էր բերել տուել հին Նախիջեւանից Ջուլֆայի վրայով մինչեւ վանք։

Վանքի մէջ մի քանի սենեակներ էր շինել տուել։ Ի հարկէ, այս բոլորն անում էր մասամբ կուսակցութեան միջոցներով եւ մասամբ էլ հանգանակութիւններով Խոյ, Սալմաստ, Թաւրիզ եւայլն, ո՛ւր կրկին մերոնք էին կատարում այդ հանգանակութիւնները։ Բայց եւ այնպէս նրանից առաջ էլ այդ բոլորը եղել է․ եւ ոչ ոք, բացի իր անձնական գործից, ոչնչով չէր հարստացրել վանքը։ Նրանից յետոյ վանքը նորից քանդուեց։

Գէորգ Վարդապետը «Հուրիաթ»ին Առաջնորդ էր Սղերդի․ այնտեղից էլ անցել էր Խարբերդ Չարսանճագ, ուր քրդական տիրապետութիւն էր դարձել եւ հողային մեծ վէճեր կային։ Այնտեղ միւս առաջնորդների նման իր հօտի հետ միասին հերոսաբար նահատակուել էր։

Արտուրը, ինչպէս ասացի, կուսակցութեան պաշտօնական ներկայացուցիչն էր։ Իսկական անունը չեմ յիշում։ Մի շատ կոպիտ ու կոշտ մարդ էր։ Թաւրիզի կոմիտէն էր ուղարկել նրան ԸՆձայրի գլխուն վերեւ վերահսկիչ եւ լիազօր։ Բայց, բացի խմելուց եւ սրան նրան հայհոյելուց, նա ոչինչ չէր անում։

Սա մի շատ տարօրինակ վարմունք ունեցաւ եւ իմ դէմ։ Իբրեւ կուսակցութեան վստահելին եւ իբրեւ կուսակցութեան տեղի դրամի գանձապահը՝ նրան յանձնեցի ե՛ւ իմ մօկ եղած դրամը, որը կարծեմ 50֊60 թումանից աւելի չպիտի լինէր, բայց ինձ համար շատ անհրաժեշտ գումար էր, թէ՛ տեղի վրայ եղած մանր֊մունր ծախսերի եւ թէ՛, մանաւանդ, ճանապարհի վրայ լինելիք ծախսերի համար։

Կարծեմ Դեկտեմբերին էր թէ Նոյեմբերին, Թաւրիզում Ռայոնական ժողով կար, որին պիտի մասնակցէին նաեւ Վանքի, Խոյի եւ Սալմաստի ներկայացուցիչները։

Արտուրը, առանց ինձ լուր տալու անգամ թէ ժողովի է գնում, (այդպէս արել էին եւ միւս ներկայացուցիչները) շտապ շտապ պատրաստուեց եւ մեկնեց։

Ես, ի հարկէ, չէի կարող խորհիլ, որ նա իմ դրամներն էլ հետը կը տանի։ Գնալու րոպէին սնտոկի բանալիները ինձ յանձնեց, ասելով, որ «քո դրամները մէջն են, պէտք որ ունենաս՝ վերցրու»։

Մի երկու օրից, երբ ուզում էի դրամ վերցնել, նկատեցի, որ Պ․ Արտուրը դրամ չի գձել սնտուկը, այլ եղած֊չեղածը հաւաքել տարել է։ Այլեւս չկարողացայ ինձ զսպել․ վերցրի մի խիստ նամակ գրեցի Թաւրիզ, բողոքելով, թէ ի՞նչ կասկածելի մարդիկ էք ճամբում այսպիսի կարեւոր վայրեր եւ յայտնելով, թէ Արտուրը դրամներս առել փախել է։

Երբ այնտեղ բացատրութիւն են պահանջում, իբր թէ ամօթից ինքնասպանութեան փորձ է անում, բայց, ի հարկէ անյաջող։ Այնուհետեւ, կարծեմ, ի սպառ հեռացել էր յեղափոխական գործերից եւ շատ լաւ էր արել։

Փայլակ։ Սա պոլսեցի էր՝ Ռուբէն Դերձակեան, արհեստով դեղագործ․ Պարսկաստան արդէն դոքտորի անուն ունէր։ Հին մաքուր յեղափոխական էր եւ շիտակ մարդ։ Եղել էր Կուկունեանցի արշաւանքին, աքսորուել էր Սիբիր, այնտեղից փախել էր կրկին Կովկաս, ապա Պարսկաստան։ Սկիզբը Սալմաստ, Խոյ, Վանք եւ ապա Ջուլճայում զբաղուել էր զէնքի փոխադրութեան գործով։ Միշտ անձնական աշխատանքով ո՛չ միայն ինքն էր ապրել, այլ ապրեցրել էր շատ ընկերներ։ Պարսկական յեղափոխութեան ժամանակ շատ մեծ դեր էր կատարել։ Երբ մերոնք ստիպուած հեռացել էին Թաւրիզից, Ուրմիայից, Սալմաստից եւ Խոյից եւ քաշուել Վան, Փայլակը՝ Դուման֊Նիկոլի, Սամսոնի, Աշոտի֊Թորոսի հետ ապրում էին Վանում։ Յետոյ ինքը եւ Թորոսը Արճէշ սեփական գործ սկսեցին, այդտեղ շարունակելով չեղափոխական աշխատանքը։ Այս անգամ էլ օժանդակում էին Կովկասից Վան եղած փոխադրական գործին, եւ Արճէշի մէջ էլ օգնում էին ազգային, դպրոցական, պետական եւ այլ գործերին։

Այսպէս 24 տարի անդադար գործել էր եւ վերջ ի վերջոյ ենթարկուել ընդհանուր ճակատագրին։ Արճէշի կոտորածի ժամանակ, առաջին խմբի մէջ, Եէիշէ քահանայի, սրա մեծ որդու, քաղաքի մնացած ազդեցիկ տղաների հետ կապուած գնդակահարուել է, վերջին րոպէին էլ պահելով իր անվեհերութիւնը եւ քաջութիւնը։ Պատահմունքով ազատուած արճէշցի Յակոբը պատմեց, որ մինչեւ վերջը հայհոյեց գայմագամին եւ կառավարութեան՝ այս տմարդի վարմունքի համար։ Խե՝ղճ Փայլակ, Պոլսոյ մէջ թուրք ռէժիմը քո ճակատին գրել էր մահ, այդ ճակատագիրը քեզ հետեւեց Պոլսից Կաղզուան, Կարսից Սիբիր, ապա Պարսկաստան եւ վերջը քեզ զարկեց Վանայ գեղածիծաղ ափերին։

Մոկացի Յովհաննէս․ Վանքի այն ժամանակուայ միակ դուրսեցի զինուորն էր․ նոր էր վերադարձել Երկրից, ուղեկցել էր Տիգրանի խմբին, որ աշնան մտել էր Երկիր, տարել էր ապահով մինչեւ Վան եւ յետ դարձել։

Արտաքինով համեստ, բայց հոգիով քաջ տղայ էր։ Վանքի փոխադրութեան ամբողջ ծանրութիւնը սրա ուսերի վրայ էր համարեա։ Նա պէտք է խմբով երթար Խոյից զէնքեր բերելու․ պէտք էր Երկիր գնացող խմբերին եւ սուրհանդակներին ուղեկցէր ամենաքիչը մինչեւ Աբաղա։

Պարսկական յեղափոխութեան ժամանակ եղել էր Խոյի մէջ․ Զուլումաթի եւ Մոկացի Գրիգորի հետ․ կռուել էր Մակուի Սարդարի ամբողջ բանակի դէմ։ Երբ Զուլումաթը սպաննւում է, Գրիգորը մի կերպ ճողոպրում է․ ինքն իբրեւ սպանուած ընկնում է գետին, քրդերը գալիս հանում են հագուստները, մերկացնում են եւ անցնում գնում են։ Այսպէս մերկ, փորի վրայ սողալով, մի քանի ժամ անձրեւի տակ, կարողանում է փախչել եւ հասնիլ Հայոց֊Թաղը։

Պարսկական Ռէակցիայի օրերը վանքում կռուելով, իր աներոջ հետ փախչում է Աբաղա եւ վերաբնակւում Մուստաֆա բէյի գիւղը՝ Նազարաւա։ Այդտեղ խաղաղ գիւղացի էր դարձել, զբաղուած էր երկրագործութեամբ։ 1914ի պատերազմը դեռ չսկսած, բայց զօրահաւաքը եղած, մի քանի ուրիշ հայերի հետ բռնւում է, իբրեւ ռուսներին լրտեսութիւն անող․ այն ինչ ոչ մի բանից խաբար չի ունեցել։

Վանում մի քանի ամիս բանտ նստելուց յետոյ, մեր միջամտութիւնների հետեւանքով զինուորական ատեանը անպարտ արձակեց։ Մի երկու օր միայն կարողացաւ մնալ Այգեստան, Ապրիլ 5ին, գնաց քաղաք՝ գիւղ մեկնելու։ Այդ օրը, երբ իմացաւ Իշխանի սպանութիւնը եւ Վռամեանի բանտարկութիւնը, մնաց քաղաքի մէջ։

Եւ ապրիլեան կռիւներին, քաղաքամիջի լաւագոյն ռազմիկն եղաւ, ամէն տեղ հասնելով․ նա էր որ շատախցի Աւոյի հետ քրդական երգերով օդն էր թնդացնում եւ թշնամին սարսափեցնում։

Կամաւորների գալուց յետոյ, ինքը շատախցի Աւոյի, նրա որդու վանքեցի Մելքոնի (որը կամաւորների հետ էր), Պզտիկ֊գեղցի Ղուկասի հետ դարձան Աբաղա։ Բայց Խաչանի մօտ, հանդիպելով անհամեմատ շատ քրդերի, մինչեւ երեկոյ կռուի են բռնուել եւ ամէնքը սպաննուել… Մայիս 20ին, 1915ին։

Բուն վանքեցի երեք լաւ եւ հայրենասէր զինուորներ ունէինք, որոնց մասին արժէ յիշատակել։

Տէրտէրի Մկօն մի երկարահասակ գեղեցիկ երիտասարդ մարդ էր, լաւ որսորդ, նշան զարկող, Սարդարի լաւ զինուորներից, մասնակցել էր Խոյից մինչեւ սահման անցնող խմբերին ուղեկցելու գործին եւ պարսկական յեղափոխական կռիւներին։ Սպաննուեց 1909ին Աբաղայի մէջ, ուր գնացել էր գոմէշ գնելու, իր որդու հետ միասին։

Մելքոն լաւ եւ կտրիճ զինուոր էր․ սպաննուել է, ինչպէս վերն ասացի, Աբաղայի դաշտը՝ Մոկացի Յովհաննէսի հետ։

Ասատուրը, որ նոյնպէս մասնակցում էր բոլոր փոխադրութիւններին, վանքի հաւատարիմներից էր․ չգիտեմ, ուր մնաց եւ ի՞նչ եղաւ։

Չեմ կարող լռութեամբ անցնիլ նաեւ վանքի ծառայ Թոմասի վրայից։ Հայոց Ձորի Աթանան գիւղացի էր․ 1896 թուին կոտորածից յետոյ վանք էր եկել եւ հաստատուել։ Սա մի ի բնէ ազնիւ մարդ էր, հայ ժողովրդի հազուադգիւտ բիւրեղներից մէկը։ Գիշեր ցերեկ վանքի գործերով դէս ու դէն էր վազում, — մի անգամ ջրաղաց, միւս անգամ՝ արտ, երրորդ անգամ՝ սենեակները պարոններին թէյ կամ սեղան պատրաստելու համար։

Հաւատարմութեան ու մաքրութեան տիպար էր։ Վանքի ամբողջ ամբարը, կուսակցութեան ամբողջ հարստութիւնը նրա ձեռքին էր․ բայց ամէնքը գիտէին, որ Թոմասը սուրբ մարդ է եւ չի գողանայ վանքից եւ, մանաւանդ, կուսակցութեան շահերը կը պաշտպանէ։ Պէտք է տեսնել, թէ ամէն անգամ երբ մէկ մարդ էր ճամբում Երկիր, ինչպէ՞ս էր հեկեկում եւ ինչպէ՞ս համբուրւում։

«Ախպրտանք, Աստուած ձեր խետ, բարով էրթէք, խէրով զէք…»։

Չիմացայ, թէ մեր սիրելի Թոմասը ի՞նչ եղաւ։ Վանի գրաւումից յետոյ մի անգամ Վան պատահեցի, ուղարկեցի, որ գնայ Աղթամար։ Վերջինը այն ժամանակ թալանուած եւ կողոպտուած էր․ չէր կարողացել մնալ եւ այսքան տարի սահմանի վրայ մնալուց վերջ, այսքան տարի Հայաստանին զէնք ուղարկելուց եւ նրա մասին երազելուց յետոյ, խեղճը Հայաստանը աւերակ գտաւ։

Չգիտեմ՝․ նա ի՞նչ տպաւորութեամբ գնաց․ չգիտեմ կենդանի՞ է նա, թէ մեռած, միայն գիտեմ, որ նա լաւ մարդ էր։ Ա՜խ, ինչպէ՜ս կʼուզէի, որ մերոնք ամէնքը այդքան լաւ լինէին։

✻✻✻

Վանքում չորս ամսից աւելի մնալով, կարգին ծանօթացայ մասնաւորապէս փոխադրութեան գործի մանրամասնութիւններին՝ ձեւերի, փոխադրող անձերի եւ յարակից բոլոր խնդիրների վերաբերեալ։ Որպէսզի հասկանալի լինի վանքի բացառիկ դիրքը եւ նրա կատարած մեծ դերը, պէտք է բացատրել մի զուտ տեղական հանգամանք։

Վանքը, ինչպէս ասացի, գտնւում է Մակուի խանութեան մէջ, Կարանի մեծ եւ կեդրոնական գիւղից մի երկու ժամի հեռաւորութեան վրայ։ Կարանին քարւանային հաղորդակցութեան մեծ ճանապարհի վրայ— Տրապիզոն, Կարին, Ալաշկերտ, Բայազիտ, Աւաճուղ,— մի կարեւոր առեւտրական կեդրոն է։ Այստեղով էր Ատրպատականը հաղորդակցում Թուրքիոյ եւ Եւրոպայի հետ՝ հին ժամանակներից սկսած, մինչեւ որ շինուեց Բաթում֊Ջուլֆա գիծը, երբ այս ճանապարհը կորցրեց իր մեծ նշանակութիւնը։

Կարանին նշանաւոր էր եւ նրանով, որ Աբաղայի, Արճէշի եւ Նոշարի շրջանի քրդերի առեւտրական շուկան էր։ Այդ բոլոր շրջանների քրդերը— իրենց մանուֆակտուրան, շաքարը, նաւթը եւ այլ մանր֊մունր բաները գնում էին Կարանիի շուկայից, իբրեւ մօտիկ եւ աժան։

Ամբողջ պարսկաթուրք սահմանագլխի վրայ յատուկ սահմանապահ գնդեր չկան։ Այդ պաշտօնը կամ պարտականութիւնը թողնուած է սահմանագլխի Համիտիէ քիւրդ գնդերին, որոնք այդ գործը տանում էին շատ իւրայատուկ ձեւով,— թալանելով, կողոպտելով եւ աւերելով պարսկական սահմանակից բոլոր քիւրդ եւ թուրք գիւղերը։ Եւ այս էր պատճառը, որ Մակոււի ամբողջ սահմանը՝ Կարադէրից մինչեւ Սավալի, որ 200 քիլոմեթրից շատ աւելի կը լինի, ամբողջ երկարութեան վրայ, (30 քմ․ պարսից եւ 30 քմ․ թուրքաց կողմից, ուրեմն 69 քմ․ լայնութեամբ) համարեա ո՛չ մի գիւղ ու բնակութիւն չկայ տեւական։ Միայն ամառներն է, որ այս եւ այն կողմի քիւրդերը սար են բարձրանում մի քանի ամսով։ Հաւասարակշռութիւնը պահւում էր նրանով միայն, որ Մակուի քրդերը, որ երկու գլխաւոր ցեղերից են՝ Արուսանցի եւ Հայտարանցի, բարեկամ եւ ցեղակից էին թուրքաց սահմանի քրդերին։

Արուսանցիք, որ սար էին ելնում Սարայի գծի վրայ, Նոշարից֊Կոտուր, ցեղակից էին Մլանցի աշիբաթին, որի հիւղերը Սարայի շրջանն են։

Իսկ Հայտարանցիք, որ թուով աւելի քիչ էին Մաւուի մէջ, քան Արուսանցիք, բնակւում էին Կարանիի դաշտը եւ սար էին ելնում Ալագեանի լեռնաշղթայի վրայ՝ սահմանակից Աբաղային։

Աբաղայի հայտարանցի նշանաւոր բէյերն ու աղաները միշտ տիրել են Կարանիին եւ իր շրջանին, առարկելով, որ այդ իրենց պապենական հողերն են։

Աբաղայի հայտարանցի Հիւսէին փաշան, իր տղայ Մահմէ աղան, Նազարավայի Մուստաֆա բէյը, Խաչանի Կոպ Մահմադ Սըդըք բէյը, նոյն իսկ Արճէշի շրջանի հայտարանցիներից Ալի բէյը փոխն ի փոխ երկար տարիներով ամբողջ աշիրաթով քոչել են Կարանի եւ տիրել այդ շրջանին։

Քրդերի այս մակընթացութիւնն ու տեղատուութիւնը կախուած էր թուրք կառավարութեան կամ, աւելի ճիշդ, Վանի ու Էրզրումի վալիների քաղաքականութիւնից եւ Մակուի Սարդարի վերաբերմունքից։ Երբ թուրքերից էին դժգոհ, անցնում էին Մակու, փոխն ի փոխ․ որովհետեւ թուրք կառավարութիւնը երբ հովանաւորում է նոյն ցեղի որե՛ւէ աղայի, միւս աղաները դժգոհ էին մնում, ենթարկւում էին հալածանքի թուրքերի կողմից ու անցնում Մակու։

Իսկ երբ Մակուի սարդարի հետ էին կռւում, արուսանցիք անցնում էին Աբաղայի շրջանի թուրքական հողերը, իսկ հայտարանցիք Կարանից Աբաղայի շրջանը, իրենց ցեղակիցների մօտ։ Շատ քիչ անգամ էր պատահում, որ Մակու անցնող աշիբաթն իր ամբողջ ցեղով անցնի, միշտ պահեստի համար մնում էր Մակու ապաւինող աղայի տղան կամ եղբայրը, իբրեւ դժգոհ հօրից կամ եղբօրից։ Թուրքերը այդպիսի դէպքերում առանձին վերաբերմունք ցոյց չէին տալիս, որովհետեւ թէ՛ կաշառքը եւ թէ, մանաւանդ, անգիտութիւնը, անձանօթութիւնը թոյլ չէին տալիս խնդրի էութիւնն ըմբռնելու։

Եւ այս է պատճառը, որ Կարանի նստած քիւրդերը— բացի աչքի ընկնող աղաներից— ազատօրէն օրը ցերեկով երթեւեկում էին Աբաղա, ինչպէս եւ Աբաղայի քրդերն ու հայերը անվախօրէն գալիս էին Մակու, իրենց գործերով, առեւտուրով։

Պատկերը լրիւ դարձնելու համար մի քանի խօսք էլ ասենք Աբաղայի հայերի մասին։

Աբաղայի հայերը բնիկ չեն, այլ եկուոր, վերջին 40֊50 տարոաւյ ընթացքում գաղթած՝ մեծ մասամբ Նորդուզի եւ քիչ էլ Սարայի շրջանից։

Նորդուզից հայերը փախել են Աբաղա երկու պատճառով․— Նախ՝ որ գրաւցի քիւրդերը հարաւից եկել եւ նրանց հալածել են․ երկրորդ՝ հայերն, իբրեւ երկրագործ ժողովուրդ, չէին կարող լեռնային Նորդուզում հողագործութեամբ ապրիլ, իսկ ոչխարապահութիւնը նրանց համար ձեռնտու չէր, որովհետեւ դա նախ քրդերի ձեռքն էր եւ, երկրորդ, որ ամենագլխաւորն է, հեշտութեամբ թալանի եւ կողոպուտի ենթակայ էր․ իսկ հայերը, զինուած չլինելով՝ անկարող էին պաշտպանել իրենց տաւարը։

Ահա՛ այս կրկնակի պատճառներով Նորդուզի հայերը հետզհետէ գաղթեցին դէպի հարուստ Աբաղան։ 1859ին Նորդուզ կար 16 հայ գիւղ 380 տնով․ 1897ի կէսերին այս թիւն իջաւ 277, 1899ին՝ 168տունի։ Աբաղայում նրանց դիւրութիւն էր տրւում մեծապէս զբաղուելու երկրագործութեամբ, մասամբ էլ անասնապահութեամբ։ Աբաղայում հայերը մրիբաներ էին քիւրդ աղաների մօտ։ Մրիբայութեան պայմաններն էին․— աղան տալիս էր իր հողը եւ սերմացուն․ իսկ հայ գիւղացին՝ իր տաւարով, մարդով, գութանով եւ «դազգահով» վարում էր, ցանում, հնձում ու կալսում, եւ արդիւնքը կիսում աղայի հետ։

Պէտք է ասել, որ երկու կողմերն էլ գոհ էին։ Հովիւ քիւրդին եւ աշիրաթապետ աղային համար, որոնք ունէին հողի անհուն տարածութիւն եւ չգիտէին երկրագործութիւն, հայ աշխատասէր երկրագործը հարստութեան անսպառ աղբիւր էր։ Քիւրդը որս էր անում կամ կռիւ․ իսկ հայը նրա համար հաց էր վաստակում, տան ծառայութիւն էր անում ձրիաբար, աղայի տան ամէն պէտքները հոգում անվարձ, աղայի համար գնում էր Վան կամ Կարանի՝ գնումներ անելու, նրա համար սուրհանդակութիւն էր անում, տօն օրերին աղային նուէրներ էր տանում եւն․ եւն․։

Հայն էլ գոհ էր, որովհետեւ աղայի հովանու տակ նա պաշտպանուած էր քիւրդ աւազակներից, ազատ էր թուրք կառավարութեան տուրքերից եւ ոստիկանների շահատակութիւններից։ Այդ շրջանի հայերը համարեա կիսազատ էին քրդերի չափ, «բէդէլ ասքէրիյէ» (զինուորական տուրք) չէին տալիս․ աշար չկար, որովհետեւ գիւղը միշտ տղան էր գնում․ աղնամը (ոչխարի տուրք) շատ քիչ էր լինում, որովհետեւ աղայի վախից պաշտօնեաները չէին համարձակւում գիւղի ոչխարներն անձամբ հաշուել, միայն գոհանում էին ցոյց տրուած թուի վրայ տուրք գրելով եւ առնելով։

Ահաւասիկ այս ազատ պայմանների հետեւանքով էր, որ հայերն էլ ազատ երթեւեկում էին Կարանի եւ այնտեղից էլ Թադէի վանքը։

Չպէտք է մոռնալ եւ այն, որ վանք նստող գործիչներն ու վանահայրերը, որոնք մեծ մասամբ եղել են թուրքահայեր, լաւ կապեր էին պահում Կարանի նստող քիւրդ աղաների հետ։ Այդ տեսակէտից ամենափայլուն շրջանը եղել է մոկացի Ախպօր շրջանը, որի ժամանակ թէ ինքը Ախպէրը եւ թէ, մանաւանդ, Սլաքը՝ Արմենակ Օխիկեանը, շատ մտերիմ ու բարեկամական կապեր են ունեցել Կոպ Մահմեդի եւ Մուստաֆա բէյի հետ, եւ այն աստիճան, որ, երբ Արմենակը Միրզաջան բռնուեց իբրեւ յեղափոխական եւ Վանի բանտն էր ու դատի տակ, Մուստաֆա բէյը եկաւ վկայութիւն տուաւ, թէ նա պարսկաստանցի է եւ բժիշկ, այն ինչ նա լա՛ւ գիտէր, որ Սլաքը բիթլիսցի է։

Պէտք է ասել, որ այս երկու հայտարանցի բէյերը համարեա մինչեւ վերջ լաւ յարաբերութեան մէջ էին մեզ հետ եւ ամէն դիւրութիւն տուին մեր երթեւեկութեան եւ փոխադրութեան համար։ Այսպիսով Աբաղայի հայերն իրենց տղաների կողմից քարդ պլանշ ունէին Կարանի գալու եւ օժանդակելու մեր գործին։

Ի հարկէ, այս բոլորը կատարւում էր խիստ գաղտնի, ինչպէս կը տեսնենք իր ժամանակին, եւ այն աստիճան գաղտնի, որ իրենք աղաներն էլ չէին իմանում, թէ ե՞րբ, ի՞նչ կամ ովքե՞ր են անցնում։

Երկրի մեր յեղափոխական գործունէութեան գլխաւոր մասը զէնքի եւ ռազմամթերքի հայթայթումն էր՝ ժողովրդին զինելու եւ ապագայ ձեռնարկների համար զէնք ունենալու։

Զէնքը Երկրի մէջ, մանաւանդ առաջին շրջանում, անհնարին էր հայթայթել, իսկ վերջերը կապուած էր շատ դժուարութիւնների,— վտանգի եւ թանկութեան հետ։ Ուստի, հէնց յեղափոխական գործունէութեան արշալոյսին, Երկիրը զինելու միակ կամ գրեթէ միակ միջոցը համարուել է արտասահմանից զէնք ներմուծելու սիստեմը։

Մինչեւ 1900 թիւը, Երկիրը զէնք մուծելու ամենահնարաւոր ձեւը համարուել է զինատար խմբերի դրութիւնը։ Այսինքն՝ մի փորձ խմբապետի հրամանատարութեան տակ[2] մի քանի մարդիկ ․—ամենաբազմաթիւը, կարծեմ, եղել է Նեվրուզի խումբը՝ 90 հոգի, ապա Խաստուրի խումբը՝ 60 հոգի․ ամենաքիչը 5 հոգի,— ինչքան կարող են, վերցնում են զէնք ու ռազմամթերք, մեծ մասամբ մի֊մի հրացան, շատ յաճախ երկուական, բայց միշտ փամփուշտներ, —առաւելագոյնը՝ 1000 եւ նուազագոյնը՝ 200 հատ, —ի հարկէ, միշտ ոտով, լաւ առաջնորդ սուրհանդակներով, աննկատելի դառնալու համար։ Ի հարկտէ մի քանի օրուայ պաշար ամէն զինուոր վերցնում էր իր հետ․ եւ այսպէս գիշերներով գաղտնի ճանապարհ ընկնում, պարսկական կամ ռուսական սահմանագլխից․ գիշերները քայլում էին, իսկ ցերեկը պահւում սարերի ծերպերում եւ ձորերի անդունդներում՝ աննկատելի դառնալու համար։

Այս խումբերը մեծ մասամբ կռուի էին հանդիպում սահմանագլուխներում, թէեւ առհասարակ ջարդւում էին եւ զէնքերի մեծ մասը ոչնչացւում էր, ընկնելով քրդերի ձեռքը կամ կոտրատուելով մերոնց կողմից։ Այս ձեւով տեղ հասած ամէն մի զէնք միջին հաշուով միշտ մէկից աւելի մարդու կեանքի գնով էր պայմանաւորուած։

Ժամանակի ընթացքում պարզուեց, որ զինատար խմբերով Երկրի Ժողովուրդը զինել անկարելի է, եւ որ դա նախ՝ քիչ արդիւնք է տալիս եւ յետոյ՝ մեծ աղմուկ է ձգում կառավարութեան եւ քիւրտ աղաների մէջ։

Բայց երբ, հէնց մեծ մասամբ շնորհիւ այդ զինատար խմբերի փայլուն կռիւներին, կազմակերպութիւնը մի քիչ ուժեղանում է ու քրդերի հետ որոշ կապ է ստեղծում, սկսւում է զէնքերի փոխադրութիւնը նաեւ քրդերի միջոցով։

Քրդերը մեզ համար զէնքի տեղափոխութեան, խմբերի առաջնորդութեան, նամակային սուրհանդակութեան, փախստական փոխադրելու եւ ուրիշ նման ծառայութիւններ արել են մեծ մասամբ (յարգելի բացառութեամբ) բացառապէս շահադիտական նկատումներով։

Խոսքը, ի հարկէ, աղաների մասին չէ․ նրանք անձամբ փոխադրութիւն չեն արել մեզ համար․ երկրորդ, եթէ հանդուրժել են իրենց քիւրդ ծառաների մեզ համար արած օժանդակութիւնները, դա եղել է մեծ մասամբ զանազան ակնկալութիւնների համար, նուէր ստանալու՝ լաւ զէնք (որ մենք շատ քիչ էինք տալիս), հագուստ, զարդեղէն եւայլն, կամ կառավարութեան առջեւ զիրենք պաշտպանելու համար՝ բռնակալութեան ժամանակ հայ աղաների միջոցով, իսկ «հուրիէթ»ի օրով անձամբ։ Յետոյ, մեր բարեկամութիւնը նրանց համար մի տեսակ վահան էր եւ սպառնալիքի միջոց՝ իրենց թշնամի ցեղերի դէմ — թէ այսինչ աղայի հետ են հայ ֆիդայիները… Այդպիսի մի գործնական աջակցութիւն ես յիշում եմ մեր (Վասպուրականի Կ․ Կոմիտէի) կողմից, արճէշցի Ալի բէյին, Ալջաւազի Քէօռ Հիւսէյին փաշայի դէմ եղած կռիւների ժամանակ։

Ալի բէյ, 1907ին, զգալով, որ Հիւսէյին փաշան իր դէմ պիտի յարձակուի, հարկաւ այդ բանն առանց մեզ ասելու, խնդրել էր, որ մենք մի խումբ ուղարկենք իրեն, իր շրջանի հայերը կազմակերպելու, Կաղզուանի վրայով Կարսի հետ սուրհանդակային գիծ հաստատելու՝ փոխադրութեան եւ յարաբերութեան համար Կարսի մեր Կոմիտէի հետ եւ այլ նպատակներով։

Այդ գործի համար նրա մօտ ուղարկեցինք Ախլաթի Շամիրամ գիւղացի մեր լաւ խմբապետներից Սողոյին, որը մի քանի հայ տղաներով մասնակցել էր Հիւսէյին փաշայի դէմ եղած կռուին, մեծ անուն էր հանել եւ Ալի բէյը յաղթող էր դուրս եկել։ Քիւրդերն այս յաղթութիւնը վերագրում էին հայերի մասնակցութեանը, թէեւ, ինչպէս ասացի, Սողոն եղել է միայն մի քանի ընկերներով։

Քիւրդերի միջոցով զէնքի կամ մարդու փոխադրութիւն էին անում հետեւեալ նախազգուշութիւնները ձեռք առնելուց յետոյ․

ա) Որեւէ քիւրդ, երբ անծանօթ է եւ ուզում է խոշոր գործ անել եւ լաւ վարձատրութիւն ստանալ, պէտք է իր ընտանիքը, —կին, երեխաներ —բերէ մեր ցոյց տուած հայ գիւղը եւ բնակեցնէ իբրեւ գրաւական։

բ) Դրամական երաշխաւորութիւն տայ, որ շատ քիչ էր պատահում։

գ) Վարկ ունեցող ու վստահութիւն ներշնչող թուրք, հայ եւ քիւրդ երաշխաւոր տայ, եւայլն։

Այս քրդերից մեծ մասը լինում էին մեզ բարեկամ աղաների ղոլամները։ Սրանց մեծ մասը հաւատարմութեամբ է ծառայել ի՛ր շահից դրդուած եւ մեզ հետ էլ կապուած լինելու համար, բայց դաւաճանողներ էլ շատ են եղել։

✻✻✻

Ինչպէս վերը յիշուած է, Աբաղայի հայերը մեծապէս օժանդակել են մեր փոխադրութեան, երթեւեկութեան, նամակային յարաբերութեան եւայլն։ Առանց այդ հայերի ներկայութեան՝ մենք համարեա՛ թէ չէինք կարող երթեւեկել Աբաղայի պէս խիստ բնակեցրած Քրդստանով։

Հայ գիւղերը Աբաղայում, մի֊մի սքանչելի ովասիսներ էին մեզ համար մեծ անապատի մէջ։ Դրանցից մասնաւորապէս յիշատակելի են Մուստաֆա բէյի Նազարաւան, Մահմադ Սըդըքի Խաչանը եւ ուրիշները, որոնք լաւ յենարաններ էին, ուր իջեւանում էին սուրհանդակները եւ ծպտեալ ճամբորդները։

Դրանք ժամանակաւոր պահեստներ էին մեր ապրանքների, որ սահմանից մեծ քանակութեամբ թափւում էին այդ կէտերը եւ կամաց կամաց ներս քաշւում։

Արդէն ասել ենք, որ Աբաղայի հայերը ազատ երթեւեկում Կարանիի շուկան առեւտուրի համար։ Կարանիի թուրք վաճառականները հայերին ամէն դիւրութիւն ցոյց էին տալիս եւ պաշտպանում․ որովհետեւ նրանց միջոցով ահագին ապրանք էր սպառւում, արտահանւում դէպի Աբաղա, Բերկրի, Արճէշ, Նոշար, եւ նոյնիսկ Սարայի շրջանը։

Հայերը ապրանք էին տանում ոչ միայն իրենց անձնական գործածութեան համար, այլեւ վաճառելու նպատատակով։ Այնպէս որ այդ ուղղութեամբ ահագին վաճառականական քարաւաններ էին երթեւեկում Ալագանի լեռնաշղթայով դէպի Կարանի։

Ամառը այդ քարաւանը երթեւեկում էր շատ սակաւ․ որովհետեւ նախ՝ հայերը զբաղուած են լինում իրենց երկրագործական աշխատանքներով եւ երկրորդ՝ քրդական յարձակումներից էին վախենում․ արդէն ամառը Ալագանը բռնուած էր լինում զօզան ելած քրդերով։

Ինչպէս ասացի, այդ քարաւանը մեծ մասամբ երթեւեկում էր աշնան, ձմրան եւ գարնան, եւ, ի հարկէ, ծանրութիւնները տանում էին մէջքով շալակած։

Պէտք է նկատել, որ մեր լեռնային գիւղացիք՝ Նորդուզ, Շատախ, Մոգս, Կարկառ, Կարճկան եւայլն, շատ լաւ «շալակաւոր»ներ են․ որովհետեւ նրանց երկիրը լեռնոտ լինելով եւ նոյնիսկ կենդանիների համար ճանապարհ չլինելով —միակ կենդանիներն էշն ու ջորին են — եւ ձմեռն էլ ձիւնի պատճառով կենդանիների երթեւեկն անգամ անկարելի լինելով՝ մարդիկ ստիպուած են շալակով տանիլ իրենց ապրանքները։

Հնձած արտը շալակով են գիւղի կալը բերում․ նոյնը եւ խոտը․ ցորենը շալակով են ջրաղաց տանում։ Շատախում եւ Մոկսում այս աշխատանքները կատարում են կիները, եւ այնքան շատ են շալակում, որ իրենք կորչում են բեռան տակ։ Հեռուից տեսնողը կարծում է, թէ ցորենի կամ խոտի խուրձերի բարդերը իրենք իրենց են շարժւում։ Քաղաք շալակով են ապրանք տանում ծախելու եւ շալակով են բերում ապրանքը քաղաքից…

Այնպէս որ ամբողջ ժողովուրդը վարժ է շալակի եւ դրա համար էլ նոյնիսկ «շալակաւորների» դաս կայ, որոնք վաճառականների եւ կուսակցութեան ապրանքները, շատ անգամ հազարաւոր փութերով, գիւղերից քաղաք եւ քաղաքից գիւղեր էին փոխադրում։ Նոյն սովորութիւնը կար եւ լեռնաբնակ քիւրդերի մէջ։ Կային շալակաւորներ, որ ձմրան բուք ու բորանին, երկու մեթր խորութեամբ ձիւնի ժամանակ, 10֊12 լիտր (5֊6 փութ) շալակած Շատախից 60֊70 քիլոմեթր երկու օրից հեշտութեամբ հասնում էին քաղաք։ Իսկ ամառը 14֊16 ժամից…

Պատերազմի ժամանակ թուրք կառավարութիւնը Մշոյ շրջանում կազմակերպել էր 7,000 շալակաւորների մի բանակ ձմեռնային տեղափոխութեան համար։ Դրանցից շատերը կոտորուեցին բուք ու բորանից, շատերը հիւանդութիւնից։ Շալակաւորները Մուշից՝ 6֊8 լիտր ծանրութեամբ բեռ շալակած՝ գնում էին մինչեւ Հասան֊Կալէ, այսինքն 150֊180 քիլոմեթր տարածութիւն։

✻✻✻

Ահաւասիկ այս շալակի վարժ, հրաշալի ճամբայ կտրող, քարաւաններն էին, որ, Կարանիի շուկան գալու պատրուակով, գալիս էին եւ Թադէի Վանքը, շալակում 600֊1000 փամփուշտ, գնում Կարանի, մի բան էլ այնտեղ դնում շալակում ու գնում դէպի Ալագան…

Ապրանքների այս կերպ փոխադրութեան՝ մեր ընկերներից մէկը, կարծեմ Կոմսը — սրամտօրէն տուել է «ծըծման եղանակ» անունը։ Եւ, իրօք, այդ ապրանքները կամաց կամաց ծծւոմւ էին դէպի Երկրի ներս — Վան եւ, մինչեւ անգամ, Մուշ։ Աբաղայի հայերը ապրանքները փոխադրւում էին մինչեւ Բերկրիի փոսը, Պստիկ գիւղ, Անձաւ եւ Գործոթ։ Այնտեղից էլ գիւղից գիւղ Թիմարով կամ Արճակով դէպի Վան։

Աբաղայի գիւղացիք իրենց փոխադրական աշխատանքի համար ստանում էին չնչին վարձ — ոչ աւելի, քան մի մէճիտ, ամէն մէկի համար։ Իսկ միւս գիւղերում, իբրեւ կազմակերպուաթ վայրեր, փոխադրութիւնը կատարւում էր ձրիաբար։

Պէտք է ասել, որ ապրանքների ամենածանր եւ քանակով ամենաշատ մասը փոխադրուել է այս գծով եւ այս ձւեւով։ Կարելի է ասել, որ 1903֊1907ին մէկ միլիոնից աւելի փամփուշտ է փոխադրուել միմիայն այդ գծով։

✻✻✻

Աբաղայի հայերից, իբրեւ մեծապէս օգնող փոխադրութեան գործին, կարելի է յիշել հետեւեալներին․

Նազարաւանցի Գաբօ, շատ հարուստ ընտանիքից, բայց սոսկալի աղմկարար եւ ցոյցեր սիրող մի մարդ էր․ արածների մասին սիրում էր յաճախ խօսել Մուստաֆա բէյին, մանաւանդ նրա որդի Իւսուֆ բէյին։ Մոկացի Յովհաննէսի հետ Վան դատի ենթարկուեց։ Ապրիլեան կռիւներին սպաննուեց բանտի մէջ։

Նազարաւանցի Գիւրոն մեր հին զինուորներից էր, աշխատել է Ախպօր ժամանակից․ երախտաւոր գործիչ էր, ազնիւ եւ անվախ։ Կարծեմ՝ սպաննուեց Ապրիլեան կռիկների ժամանակ։

Նազարաւանցի Ասատուրը շատ կտրիճ, յանգուգն եւ գործունեայ մարդ էր․ բայց վերջը փճացաւ եւ մատնութիւններ արաւ, կարծեմ, քրդերին․ սպաննուած պիտի լինի մերոնց կողմից։

Խաչանցի Բրախոլամը, նրա որդին Մանուկը եւ մանաւանդ միւս որդին Կնեազը։ Այս ընտանիքը մեծ ծառայութիւն է արել յեղափոխական գործին։ Նրանց մասին առիթ կʼունենանք դեռ խօսելու։

Խաչանցի Ռէս Խաչոն։ Սա իսկ եւ իսկ Րաֆֆու «Խենթ»ի տանուտէր Խաչոն էր․ հարուստ, շէն եւ հիւրընկալ օջախ։ Միայն այս ընտանիքն էր այս գիւղին մէջ, որ անշահախնդիր եւ մեծ հայրենասիրութեամբ օժանդակում էր գործին։

Կորտկան գիւղացի Ռէս Սախոն եւ իր եղբօր որդին Սերոբը։

Այս գիւղը Աբաղայի դաշտի մէջտեէն էր․ երկրորդ կէտն էր փոխադրութեան։ Ռէս Սախոն հարուստ եւ պատուաւոր մարդ էր, գիւղի տէրն ու տիրականը։ Մեր ամբողջ փոխադրութիւնը կատարւում էր նրա միջոցով ու նրա գիտութեամբ։

Ռէս Սախոյի տունը օրհնուած եւ հիւրընկալ օջախ էր։ Ով անցել է Աբաղայով անպայման հիւրընկալուել է Ռէս Սախոյի «օդա»յի մէջ։

Վերջին պատերազմի ժամանակ Ռէս Սախոն իբրեւ ֆէդայիների հիւրընկալով սպաննուեցաւ եւ նրա ամբողջ հարստութիւնը թալանուեցաւ։

✻✻✻

Ամբողջ Հոկտեմբեր, Նոյեմբեր, Դեկտեմբեր ամիսները վանքում ընկած՝ չգիտէի, թէ դուրսը ի՞նչ է կատարւում։ Վարդապետը խորհուրդ տուեց հանգամանքից օգտուել, Սալմաստ գնալ՝ այնտեղի գործերին ծանօթանալու համար։ Շատ դժուարութեամբ համաձայնուեցի Սալմաստ գնալ․ նախ՝ նկատի ունէի ձմեռային ճանապարհների անպատեհութիւնները․ ապա, որ գլխաւորն էր, վախենում էի, որ Սալմաստի ընդունելութիւնն էլ Խոյի պէս լինի։ Բայց, վերջապէս, ճամբայ ընկայ։

Հասնում ենք Խոյ։ Մալխասը այնտեղ չէր, դեռ չէր վերադարձել Թաւրիզից։ Լսում ենք, որ Սամսոնը արդէն դարձել է Սալմաստ։

Խոյից Սալմաստ վեց ժամուայ ճամբայ հազիւ կայ․ բայց գեադուկը (կիրճ) աւազակային յարձակումների է միշտ ենթակայ․ ուստի հետս վերցնում եմ մի քանի զինուած տղաներ։

Այդ տարին, Սալմաստի գեադուկում, Սամսոնը մի յայտնի կռիւ էր ունեցել քրդերի դէմ։ Իր հետ է եղել ղալասարցի Սարգիսը, մեր լաւ զինուորներից մէկը, յայտնի կռուող եւ լաւ նշան զարկող։ Միւս կողմից օգնութեան է հասել մշեցի յայտնի Մնջոն, որը այդ ժամանակ նստում էր Սանամերիկ։ Քրդերին լաւ ջարդ էին տուել եւ մի նշանաւոր քիւրդ էր զարկուել։ Այդ կռուի առթիւ քրդերը հիւսել էին «Հէ՛դի բաժօ» յայտնի երգը, որ Սամսոնի եւ ֆէդայիների գովքն էր անում։

Այս պատմութիւնը ինձ ճանապարհին անում էր եւ «Հե՛դի բաժօ»ն երգում մոկացի Յակոբը, որը ուղեկցում էր ինձ իբրեւ փորձ զինուոր։ Յակոբը մասնակցել է մի քանի կռիւների, բայց սոսկալի կերպով վիրաւորուել է Գոռուլի կռուին։

Մալխասին ուղեկցելու ժամանակ, Գոռուլի ձորում քրդերը յարձակւում են սրանց վրայ։ Յակոբը մի լաւ դիրք է բռնում եւ կարգադրում, որ Մալխասը ձին քշէ անցնի, ինքն էլ կը գայ կը հասնի։

Մալխասը ձին քշում է եւ ազատւում, անելով մի սրամիտ եւ ինքնատիպ փորձ, — ճանապարհին տեղ տեղ ձգում է դրամներ։ Նրան հետապնդող քիւրդերը զբաղւում են դրամ ժողովելով, կամ իրար ձեռքից դրամ խլելով եւ ժամանակ են տալիս Մալխասին փախչելու։

Խեղճ Յակոբը վիրաւորւում է ծանրապէս։ Քիւրդերը կարծում են, թէ մեռած է, եւ ձին, հրացանը, եւայլն տանում են։ Յակոբը ուշքի է գալիս եւ հազար ու մի տանջանքներով, մեծ մասամբ փորի վրայ սողալով, 14 ժամից հասնում է վանքի սահմանը․ պատահական մարդիկ տեսնում եւ փոխադրում են Վանք կիսամեռ վիճակի մէջ…

Յակոբը այս պատմութիւնն անում էր ինձ այնպիսի անտարբերութեամբ, որ կարծես այդ բոլորը իրեն հետ չի պատահել․ այն ինչ դեռ վէրքերը չէին սպիացել իր վրայ։

Գիշերում ենք Սանամերիկում։ Մշեցի Մնջոն մեզ թոյլ չի տալիս շարունակելու մեր ճամբան։

Սանամերիկում գիշերը համարեա չենք քնում։ Մնջոն պատմում է Սասունի եւ Մշոյ կռիւներից հետաքրքիր դրուագներ, բայց երբեք ակնարկ չի՛ անում իր արած կռիւների մասին։ Առանձին հպարտութեամբ էր խօսում մանաւանդ Գէորգ Չաւուշի եւ Կորիւնի կռիւների մասին։ Իսկ դէպի Հրայրն ու Վահանը ունէր պաշտամունքի եւ խորին յարգանքի խօսքեր…

Յետոյ իմանում եմ, որ Մնջոն ինքը եղել է շատ յայտնի կռուող զինուոր Մուշ եւ Սասունի կռիւներին․ եւ Սալմաստի քրդերի մէջ էլ մեծ անուն է հանել իր կտրիճութեամբ։ Իսկ հայերն ամէնքը սիրում էին նրան իբրեւ պարկեշտ եւ լաւ զինուորի։

Մնջոյի հետ յետոյ էլ առիթ ունեցայ տեսնուելու՝ «Հուրիաթ»ից յետոյ Վան եւ ապա՝ Մուշ։ «Հուրիաթ»ի խաղաղ տարիները նա համեստ արհեստաւոր ր եւ ընտանիքն ի՛ր քրտինքով պահող՝ միշտ մնալով կազմակերպութեան վայլուն գործիչներից մէկը։

Զաւարեանի Մշոյ գործունէութեան ամենալաւ յենարանն է եղել եւ նրա սակաւաթիւ պաշտպաններից գլխաւորը…

Սասունի վերջին կռիւներին ամբողջ մի շրջանի հրամանատար է եղել, կռուել է հերոսաբար եւ ընկել հերոսի արժանի մահով…

✻✻✻

Վերջապէս հասնում ենք Ղալասար, ուր ապրում էր Սամսոնը։

Վանքից գրածս նամակը Թաւրիզ՝ Արտուրի արարքի մասին, իր ազդեցութիւնն արել էր։ Սամսոնը շտապում է բացատրել, որ այդ բոլորը թիւրիմացութիւն է։ Տղաները «խամութիւն» են արել․ «Ինչո՞ւ դու քեզ կանոնաւոր չես ներկայացրել»…

Այդ բոլորը ինձ համար հետաքրքիր չէր։ Լաւը այն էր, որ Սամսոնից ստացած առաջին տպաւորութիւնս շատ լաւ էր…

Սամսոնի մասին ես լսել էի դեռ Բագուից․ գիտէի, որ նա Քրիստափորի քրոջ որդին է եւ մեր շատ սիրելի Պապաշա (հայրիկ) Լեւոնի եղբայրը։ Շատ բան էի լսել եւ Պարսկաստան եղած երկու֊երեք ամսուայ ընթացքում՝ ե՛ւ լաւ ե՛ւ վատ… Ուրիշ կերպ էլ չէր կարելի։ Պատասխանատու գործի գլուխ կանգնած մարդը չի կարող գոհացնել ամէնքին։

Բայց ինչքան անձնական ճանաչողութեամբ եւ մանաւանդ ինչքան որ մօտից ծանօթացայ Սամսոնի կատարած դերին, եկայ այն խորունկ եզրակացութեան, որ այդ կիսամտաւորական֊արհեստաւոր մարդը մեր կուսակցութեան համեստ, բայց հաստատուն սիւներից մէկն է։

1896 թուից ի վեր Սամսոնը վերաբնակուած է Սալմաստ։ Արտաքուստ, ի պաշտօնէ նա եղել է կամ առաջնորդի փոխանորդ, կամ Սալմաստի դպրոցների տեսուչ եւ կամ ուսուցիչ։ Սալմաստը իր այն ժամանակուայ դպրոցական կրթական գործի մեծ մասը պարտական է Սամսոնի ջանքերին, եւ մանաւանդ, կազմակերպչական տաղանդին։

Սալմաստի գիւղացիների ապահովութիւնը, պաշտպանութիւնը թուրք եւ քիւրդ աւազակների դէմ, հայ համայնքի խաղաղ, ազգային տեսակէտով հպարտ եւ հանգիստ կեանքը նոյնպէս Սամսոնի գործն էր…

Նա օժտուած էր զարմանալիօրէն կազմակերպելու, միացնելու, ղեկավարելու, մարդկանց իրար հետ համերաշխեցնելու գերազանց ձիրքերով։ Նա տաղանդաւոր վարչագէտ էր, իսկ, եթէ նա կրթութիւն ստացած լինէր, նահանգ պիտի կառավարէր հրաշալիօրէն։

Ահա՛ այսպիսի լաւ յատկութիւններով եւ զգացմունքներով օժտուած մի մարդու ձեռքն էր Վանի սահմանագլխի յեղափոխական գործի ղեկավարութիւնը։ Նրա վերին հսկողութեան տակ էին ե՛ւ Խոյը, ե՛ւ Թադէի վանքը, իսկ Սալմաստը գործը նա վարում էր անձամբ․ յաճախ լինում էր ե՛ւ Խոյում ե՛ւ Վանքում գործերին ընթացք տալու կամ թիւրիմացութիւնները հարթելու համար։

Իմ Սալմաստ գնալը շատ ուրախացրեց Սամսոնին, որովհետեւ ապագայում իրար հետ Վանից յաճախ գործ պիտի ունենայինք։ Իսկ անձնական ճանաչողութիւնը, վստահութիւնն ու կապը, ինչպէս նա էր ասում, մեծ նշանակութիւն ունի մեր գործի համար…

Ես Սալմաստ էի գնացել, մանաւանդ, մի անձնական գործի համար։ Չգիտեմ ո՛րտեղից որտեղ վանքում սկսել էին ատամներս ցաւիլ։ Լսեցի, որ Սալմաստում մեր տղաներից մէկը — Քիպրիթչեան — ատամնաբոյժ է եւ լաւ էլ վարպետ։ Ի հարկէ, իսկոյն դիմեցի նրան, որ սկսէ ատամներս մաքրել, լեցնել եւայլն։ Չգիտեմ, ե՞ս շատ էի շտապեցրել, թէ իր խելքը չէր կտրել, առանց ջիղը լաւ բթացնելուֆ ատամս լեցրեց։ Բայց՝ մի քանի ժամ չանցած՝ այնպիսի մի ցաւ բռնեց, որ քիչ մնաց գլուխս տրաքուէր։

Սամսոնը ձիաւոր է ուղարկում Քիպրիթչեանին բերելու։ Նա էլ, դժբախտաբար, Թաւրիզ է մեկնած լինում երկար ժամանակով, իսկ ատամիս ցաւը մի գիշեր էլ համբերելու հնարաւորութիւն չի տալիս։ Աղաչում եմ Սամսոնին, որ մի ուրիշ ատամ հանող գտնի։

Այս ամբողջ պատմութիւնն անում եմ հէնց ներկայացնելու համար այս հռչակաւոր «օպերատոր», սափրիչ ատամ հանողին, որը աւելի սոսկալիօրէն տանջեց ինֆ, քան վանքի երես ածիլող ծառան։

Ամբողջ Սալմաստում մի հատ հայ հռչակաւոր սափրիչ ատամ հանող է եղել, որը այդ օրը իմ բախտից տնից գացել էր։ Մեր խեղճ զինուորները մի քանի ժամուայ փնտռտուքից յետոյ նրան գտել են Փայաջուկ մի հարսնետան, ի հարկէ, հարբած վիճակում, ուժով ձիու վրայ են դրել եւ քաշ տալով բերել։

Սամսոնը անհրաժեշտ հրահանգները տուեց, որ զգոյշ լինի, լաւ նայի, որ հիւանդ ատամի տեղ սաղը չհանի…

Սամսոնին խնդրում եմ, որ ինքը նայի, թէ «քալփաթան»ը՛ ո՞ր ատամն է բռնելու։

Օպերատոր սափրիչս իսկոյն պահանջեց մի չուան, երկու բարձ, օղի, մի մեծ լագան (տաշտ), մի ձեռքի թաս եւայլն։

Ես սոսկումով նայում եմ այս բոլոր պատրաստութիւններին ե՛ւ դողում եմ վախից։ Ատամիս ցաւը արդէն կտրուել է, բայց գիտեմ, որ այս ներշնչումների ազդեցութեան տակ է։ Որոշում եմ քաշել տալ եւ ազատուիլ․ որոշում եմ, մանաւանդ, տղամարդու պէս դիմանալ… Չէ՞ որ երկիր եմ գնում, ամօ՛թ է, ի՞նչ կʼասեն ընկերները, որ մի ատամ քաշելու չեմ դիմանում…

«Դոկտորը» իսկոյն գործի սկսեց, բարձերը դարսեց իրար վրայ, ձեռքերս տարաւ դէպի մէջքս եւ սկսեց իր խնդրած չուանով կապել։ Լուռ ու մունջ համակերպում եմ, ինչպէս նալելու համար գետին ձգուած եւ ոտքերը բարձրացուած ու կապուած եզները… Հրամայում է, որ Սամսոնը գլուխս բռնէ, մի զինուոր ոտներիս վրայ նստի, մէկը մէկ ձեռքիս կողմը, միւսը՝ միւս… Երբ այս բոլորը պատրաստ էր, եւ մէկի ձեռն էլ թասն ու տաշտը, «դոկտորը» գրպանից հանեց կեղտոտ թաշկինակի մէջ փաթաթուած ու ժանգոտած քալփաթանը, լաւ նայեց վրան, հրամայեց, որ բերանս լայն պահեմ, ու գործիքը խրեց բերանս։

Առջի տղոց, լաւ նայի՛ր, — պոռում է Սամսոնը։

Քալփաթինով բռնեց ատամս եւ, որքան ուժ ունէր, ձեռքի մէջ սեղմեց եւ ապա քաշեց…

Շարժուելիք չկայ․ իսկ ես կարծեցի, թէ ծնօտս պիտի պոկուի… բայց լուռ եմ…

Անյաջող է անցնում եւ երկրորդ փորձը։ Երրորդին քալփաթինը մի քիչ աւելի խորն է տալիս եւ ուժգին քաշում․ ատամս պոկւում է եւ հետը ամբողջ մի կողմի լինդերը… Ուշքս գնում է մի քանի րոպէ։ Սամսոնը պոռում է, ճչում, բայց ճար չկայ։ «Դոկտորը» ուժով օղի է լեցնում բերանս, մի կողմից՝ ուշքի բերելու եւ միւս կողմից՝ վէրքը ախտահանելու համար…

Վերջապէս, խելքս գլուխս է գալիս․ շարունակում եմ բերանս ողողել օղիով, դեռ ձայն չեմ հանում…

Մեր տղա՛յ, լաւ պրծար, — կատակաբանում է Սամսոնը՝ խնդալով․— հէ՛չ ախ էլ չարի՛ր։ Էսպէս վարպետ կʼասեմ, հա՜…։

Իսկապէս որ լաւ պրծայ, որովհետեւ ես վախենում էի, որ ամբողջ ծնօտս պոկէր, միայն լինդերս է եղել…

Իսկ վարպետի քէֆին քէֆ չկար․ նա շարունակում էր ինձ համար բերուած օղին կոնծել…

Սամսոնը մի թուման է տալիս եւ ճամբու դնում մեր «օպերատոր» բժշկին…

Մի քանի օր, ի հարկէ, շան հալ եմ քաշում․ բայց մինչեւ հիմա ալ չեմ մոռանում այդ նշանաւոր «օպերատոր»ին, որ այդքան աժան պրծացրեց ինձ։

Երբ խելքս գլուխս եկաւ, Սամսոնին հասկացնում եմ, որ Պարսկաստանի ամէն մի վայրը ինձ համար մի սիւրպրիզ ունի վերապրած․ Մալխասը կօշիկներս հանել տուեց, Արտուրը՝ դրամներս… իսկ ինքն էլ՝ ատամներս… Չգիտեմ, թէ նրանցից ո՞րն էր աւելի շատ սիրում ինձ…

✻✻✻

Սամսոնը ինձ ծանօթացնում է առհասարակ Ատրպատականի մեր կազմակերպութեան կատարած դերին՝ Երկրի համար։ Առաջարկում է, եւ շատ իրաւացիօրէն, որ գէթ սահամանագլխի երեք կէտերը՝ Սալմաստ, Խոյ եւ Թադէի Վանք, որոնք այն ժամանակ յայտնի էին Մինարէթ, Աւարայր եւ Մենաւոր կեղծ անուններով, հաշուուին Վասպուրականի Կ․ Կոմիտէի հետ անմիջապէս կապուած վայրեր՝ պատրաստ առաջնորդուելու նրա հրահանգներով Երկրի վերաբերեալ հարցերում։ Այն պայմանով, որ այս վայրերի ծախսերն էլ մտնեն Վասպուրականի յատկացուած ընդհանուր պիւտճէի մէջ։

Ես ապագայում գտայ, որ այդ մեծ անհրաժեշտութիւն էր, որովհետեւ սահմանագլուխ նստած ընկերներ, ինչքան որ փորձուած եւ բարեխիղճ մարդիկ լինէին, չէին կարող օրը օրին հետեւիլ Երկրի մէջ ստեղծուող արդիական կարիքներին եւ ընդ այնմ շարժուել։

Ի հարկէ, այս բանը վերջ ի վերջոյ եղաւ, բայց շատ ուշ, երբ Վանը ունեցաւ ձեռնհաս գործիչների մի ստուար խումբ, որ կարող էր ուղղութիւն տալ թէ Երկրի եւ թէ դրսի գործերին։

Սամսոնն էլ Երկիր երազողներիցն էր, որ տասը տարուց աւելի է ահա մնում էր նստած իր տեղում։ Նախ՝ նրան փոխարինող չկար (եւ իրօք տեղական պայմանները այդքան գիտցող ոչ ոք կար) եւ երկրորդ՝ իր մարմնական կազմն էր խանգարում, ինքը ծանրաշարժ էր, չէր կարող ոտով պտտել, պատերի վրայով թռչել, ջրի ծակերից սողոսկիլ եւայլն…

Այս բոլոր փորձութիւնները մենք դեռ կը տեսնենք իր ժամանակին, երբ խօսք կը լինի Վանի յեղափոխականների կենաքի մասին։

Բայց Սամսոնը անմասն չմնաց անձամբ Երկիր գալուն։ Ազատութեան տարիներին, Դումանի հետ, երբ մերոնք քշուեցին Պարսկաստանից, նա եկաւ ժամանակաւոր կերպով Վան։ Երկրորդ անգամ նա Վան եկաւ Անդրանիկի կամաւորական խմբի հետ, Վանի գրաւումից մի քանի օր յետոյ։ Այդ ժամանակ նա Անդրանիկի օգնականի դեռ ունէր եւ շատ ձեռնհասօրէն տանում էր գործը, եւ միակ մարդն էր, որ երկարատեւ կերպով կարողացաւ վարուել Անդրանիկի հետ։

Արդէն Յունուար էր․ պէտք էր շտապել։ Հրաժեշտի համբոյր եմ տալիս Սամսոնին, որ այնքա՜ն սրտանց հիւրընկալեց ինձ եւ այնքա՜ն թանկագին խորհուրդներ տուաւ ինձ իմ ապագայ գործունէութեան մասին եւ ճանապարհւում եմ կրկին Խոյի վրայով Վանք…

✻✻✻

Վանքից Սալմաստ մեկնելէս առաջ նամակ էի գրել Վանի ընկերներին՝ յայտնելով, որ Վանքն եմ եւ սպասում եմ սուրհանդակների։ Խնդրել էի, որ յարմար առաջնորդներ ճամբեն՝ ինձ տանելու համար։ Թիֆլիսից էլ ուղղակի փոստով էին գրել իմ Վան ուղեւորուելու մասին։

Վանքում ստացայ նամակ՝ գրուած Կոմսից եւ մի անձնական նամակ Իշխանից։ Վերջին նամակով Իշխանն ինձ բացատրում էր երկրում եղած իրերի վիճակը, իբր փախստական ապրելու անպատեհութիւնները եւ խորհուրդ էր տալիս լաւ խորհիլ եւ ապա միայն Երկիր մտնել…

Խորհելու ժամանակ չկար․ սուրհանդակները եկել էին, այն էլ ամենահմուտները, ինչպէս վկայում էր Ընծայրը եւ ինչպէս յետոյ ես էլ անձամբ համոզուեցի։

Վանից, ինձ համար, յատկապէս եկել էր, մեր սուրհանդակ զինուոր Ջաֆարը — սեւանցի Սահակը…

Սա 1896ի կոտորածին քրդացել էր եւ ապրում էր քրդերի մէջ, մինչեւ 1902։ Այդ ժամանակուանից եկել էր մերոնց մօտ եւ գրուել զինուոր։ Թէ՛ արտաքինով եւ թէ, մանաւանդ, ներքինով քրդից չէր տարբերւում։ Սիրում էր հագնիլ հայաստանցի քրդի տարազ, արխալուխ֊օյման, գլխին՝ համիտեայ կալփակայլ, մի քանի «փուշի» փաթաթած չորս կողմը․ երկար շղթայով կրծքից կախած ունէր ժամացոյց․ հագած էր համիտեայ կարմիր ժապաւէնով տաբատ, երկարավիզ կօշիկներ եւայլն։

Երգում էր քրդական երգեր, գիտէր բոլոր ճանապարհները դէպի Սալմաստ, մանաւանդ դէպի Խոյ եւ Վանք։

Գիտէր քրդական բոլոր սովորոյթները, աղօթքները։ Ծանօթ էր համարեա Վանի շրջանի աշիրաթների տան անդամներին, նրանց փոխադարձ թշնամական կամ բարեկամական յարաբերութիւններին։ Կարճ՝ մի կատարեալ քրդագէտ, ըստ ամենայնի պատրաստուած իր միսիայի համար, որ էր սուրհանդակութիւն եւ փոխադրութիւն Պարսկաստանից…

Ջաֆարը բազմաթիւ անգամ եկել էր Պարսկաստան, առաջնորդել էր բազմաթիւ խմբեր, փոխադրել էր մշեցիներ եւ վասպուրականցիներ․ մի խօսքով՝ խոշոր դեր էր կատարում։ Բայց ինչպէս ասի, քրդերի մէջ ապրելով եւ կրօնափոխ լինելով, իւրացրել էր մի քանի բացասական յատկութիւններ․ չափազանց ստախօս եւ մեծախօս էր․ մեծերի առաջ կեղծաւոր եւ ենթարկուող, բայց երբ ինքը մինակ էր լինում կամ մեծաւոր, Աստուած հեռու տանի։ Գիւղերով անցնելու ժամանակ հայ գիւղերում աւելի մեծ բաշիբօզուկութիւններ էր անում, քան բուն քրդերը…

Սկզբներում հանդուրժում էինք այս բոլոր պակասութիւններին, իր կատարած օգտակար դերը նկաի ունենալով, մանաւանդ որ մի ուրիշը չունէինք փոխարինող․ բայց վերջը տեսանք, որ նա մեր վստահութիւնը սկսել է շահագործել, զբաղուելով թալանով, կաշառք վերցնելով եւայլն։

Ապագայում նրան նորից կը հանդիպենք, երբ նա արդէն վռնտուած է կազմակերպութիւնից եւ բանտարկուած Վանի բանտում։ Ազատութեան տարին նա էլ ընդհանուրի հետ ներման արժանացաւ․ «Հուրիաթ»ին իրեն համար ապրում էր։

Ջաֆարի հետ Վանք էին եկել Խաչանցի Բրախոլամը, նրա որդին՝ Կնեազը եւ ուրիշ ապաղացի եւ բերկրեցի հայ գիւղացիներ։

Խաչանցի Բրախոլամի մասին խօսուած է Ապաղայի գործիչների շարքում։ Սա շատ լաւ սուրհանդակ էր եւ փոխադրող․ միշտ քարւան֊բաշի էր։ Արհեստով ներկարար էր․ արդէն 60ից աւելի կը լինէր, բայց կտրիճ էր եւ ինձնից թեթեւ էր քայլում։

Շնորհիւ իր արհեստին, մեծ կապեր ունէր քրդերի տների հետ․ բայց, մանաւանդ շնորհիւ իր խելքին եւ լաւ բնաւորութեան, բոլորի սիրելին էր։ Այդ էր պատճառը, որ անունը դրել էր Բրախոլամ, որ քրդական խօսք է եւ նշանակում է «եղբօրս ծառան»։ Սա ընդունուած խօսակցութեան ձեւ է․ «բրախոլամ»․ «աղ խլամէ տամէ» այսինքն՝ եղբօրս ծառայ․ ես քո ծառան եմ։

Իսկապես անունը չգիտէի եւ, կարծեմ, ոչ ոք էլ չգիտէր նրա իսկական անունը, բացի Բրախոլամից։

Բրախոլամը զբաղւում էր ե՛ւ առեւտուրով․ ապրանքներ էր առնում Կարանիից եւ ծախում Ապաղայի քրդերին։ Քաղաքից էլ — Վանից — ապրանքներ էր գնում — ներկ, լուցկի, կոնեակ եւայլն եւ տանում Պարսկաստան — այնպիսի ապրանքներ, որ այնտեղ չեն գտնւում…

Բրախոլամը մի մեծ պակասութիւն ունէր․ շատ էր սիրում խմել եւ, երբ խմեց, Աստուած հեռու տանի, — ոչ մեծ էր ճանաչում եւ ոչ փոքր, մանաւանդ ոչ քիւրդ եւ ոչ թուրք…

Լաւ յիշում եմ, որ մեր Քեռին Վան էր այդ ժամանակ եւ պիտի դառնար Պարսկաստան։ Կանչեցինք Բրախոլամին։ Երբ երեկոյան եկաւ ձիաւորուած՝ ճանապարհուելու, տեսանք, որ սոսկալի հարբած է։ Կոմսը սկսեց յանդիմանել նրան։ Նա բարկութեամբ պատասխանեց․

Պ․ Բժիշկ, (Կոմսը Վանում յայտնի էր Բժիշկ կեղծ անունով) զինուել եմ, ինչ կայ որ․ դուք սիլախով կը զինուէք, իսկ ես րախիով…

Իսկ երբ Կոմսը սկսեց հայհոյել, ասաց․

Պ․ Բժիշկ, դու իմ խէ՞րն ես, իմ մէ՞րն ես, որ զիկ քուֆուր կու տաս…

Ահա այսպիսի բազմապիսի ընկերներով է, որ ես ճանապարհ եմ ընկնում դէպի Վան։

Լաւ չեմ յիշում, թէ ե՞րբ ելայ Վանքից․ բայց գիտեմ, որ 1905ի Փետրուար 6ին հասայ Վան։ Ուրեմն՝ ճանապարհուած պիտի լինեմ Յունուարի վերջերին, որովհետեւ Վանքից Վան, որ 130֊150 քիլոմեթր տարածութիւն է, գնացել ենք 8֊10 օրից, եթէ ոչ աւելի…

Ձիւնը դեռ նոր էր «քրչա» (եղիրճ) բռնել։ Ցերեկները չէր կարելի դեռ ճանապարհից դուրս քայլել․ մեր ճանապարհի լայնութիւնը երկու ոտնաչափից աւելի չէր, որը պնդացել էր եկող գնացող ճամփորդների ոտքի տակ։

Ահաւասիկ այդ ճանապարհով էր, որ պիտի անցնէինք ե՛ւ մենք, ե՛ւ քրդերը, ե՛ւ կառավարական զինուորները, ե՛ւ ամէն վստահելի ու անվստահելի ճամբորդներ։

Տղաներին խնդրում եմ, որ այս անգամ փամփուշտների բեռ քիչ վերցնեն՝ խոստանալով որ դրա փոխարէն ես նրանց լաւ կը վարձատրեմ։

Յարութիւնին հետս չեմ վերցնում, նրան թողնում եմ Մոսոյի հետ երկրորդ խմբին հետ գալու։ Վանքից կէսօրից վերջ ելանք եւ մթով հասանք Կարանի։ Այնտեղ պիտի գիշերէինք եւ առաւօտեան վաղ, մութլուսուն ճամբայ ելնէինք դէպի Ալագան…

Կարանիի մէջ հիւրընկալւում ենք ամէնքս միասին, 8֊10 հոգի, Խոյեցի Աւետի պզտիկ խանութին մէջ։

Աւետը արհեստով զինագործ էր, խանութ ունէր Կարանի հազար ու մի նեղութիւն քաշելով եւ անարգանքի ենթարկուելով մի կտոր հաց վաստակելու համար։

Արտաքինով խեղճ էր․ պարսիկների արտաքին երեւոյթն ունէր, —հագուստ, գլխարկ, ածիլուելու ձեւ, վերջապէս, ըստ ամենայնի մթնոլորտի պայմաններին յատուկ կերպարանք էր ստացել։

Բայց այս արտաքինով խեղճ մարդը մեծ դեր էր կատարում մեր գործերի համար Կարանիում։ Շնորհիւ այն բանի, որ նա զինագործ էր, Աբաղայի, Արճէշի եւ այլ վայրերի քրդերը գալիս էին նրա մօտ հրացաններ նորոգել տալու։ Եւ այդ պատճառով իմանում էր շատ նորութիւններ՝ սահմանագլխի դրութեան, թուրք զօրքերի շարժման, աղաների փոխադարձ յարաբերութեան, հայ խմբերի կռիւների մասին եւայլն։ Մի խօսքով Դաշնակցութեան գաղտնի ոստիկանութեան գլխաւոր գործակալն էր։

Եւ այս բոլորը նա անում էր ամենայն ուրախութեամբ եւ լուրերը հասցնում էր Վանք իր թուրք աշակերտի միջոցով գրաւոր եւ, եթէ շատ կարեւոր էր, ինքն անձամբ գալիս էր Վանք։ Ու խեղճի միակ վարձատրութիւնը վարդապետի օրհնանքն էր եւ մեր աֆէրիզմը, բայց նա այնքա՜ն գոհ էր լինում…

Աւետը մեզ հիւրասիրեց թէյով եւ ինչով որ կարող էր։ Վրաս գլխիս նայելով — շատ աղքատ գիւղացիի հագուստ էի հագել չնկատուելու համար — ախ ու վախ էր անում եւ ասում էր․

Պարոն, հապա ե՞րբ պիտի ազատուենք այս անօրէններից։

Աքաղաղները դեռ չխօսած՝ մնաս բարեւ ենք անում Աւետին եւ մեկնում։

Կարանիից մինչեւ Ալագանի ստորոտը, ձմեռը 2֊3 ժամուայ ճանապարհ է, մանաւանդ գիշերուայ գնացողի համար, երբ ստիպուած են քայլել անդադար ընկնելով եւ կանգնելով։

Լուսաբացին, արդէն մենք հասել էինք Ալագանի լանջերը։ Գիշերը խիստ ցուրտ էր, իսկ լուսուն սկսեց եղանակը խառնուել եւ քամի փչել։ Ինչքան մենք բարձրանում էինք, քամին այնքան աւելի ուժեղանում էր եւ փոթորիկի ու բորանի փոխւում։

Լուռ ելնում ենք լեռն ի վեր։ Բրախոլամը հրամայում է, որ իրար պոչ բռնած գնանք՝ վար չընկնելու համար։ Բուքի հետ սկսուեց ե՛ւ մառախուղ։

Տղաներն յուսահատութեան նշաններ են ցոյց տալիս։

Աս տո՛ր կը տանի սա ցնդուկ խէն․ չգիտե՞ր, որ Ալագանի բորանը գէլ֊խեղդուկ է…

Ջաֆարը վեր ու վար է անում՝ շան պէս երկնքից հոտ առնելով, աոռալով․

Վալլահ, բիլլահ, թալլահ, բորան պիտի ընէ եւ մեզ խեղդի։

Փոթորիկը աւելի ուժեղանում է։ Արդէն տեսնում ենք, որ սարի գագաթէն սիւնաձեւ ձիւնով շաղախուած բորան է գալիս… մէկ, երկու, երեք․ էլ չենք կարող բարձրանալ․ քամին մեզ ուժասպառ է արել։ Կէսօրը անցել է, եւ մենք դեռ ճանապարհը չենք կիսել, այնինչ այդ օրը պիտի հասնինք Խաչան…

Մէկ էլ տեսանք, գայլերի վոհմակի պէս վերեւից, մի խումբ քրդեր դէպի մեզ են փախչում ու պոռում․

Ջան փրցուցէք, բորանը կը գայ…

Ասին եւ դէպի ներքեւ փախան։

Նկատեցինք, որ նրանք իրենց բեռները թափել են ճանապարհի ուղիղ մէջտեղը։ Մէկ էլ մի մեծ ձիւնասիւն եկաւ եւ բոլորիս գետին գլորեց։ Մի քանի րոպէ մնացինք այսպէս, ով որտեղ ընկել էր։ Յետոյ կամաց֊կամաց հաւաքուեցինք մի խոշոր քարի ետեւ․ ոչ մտածել էր լինում եւ ոչ խօսել։

Քրտինքի մէջ կորած, իսկ այժմ ձիւնի մէջ թաղուած՝ շուտով ոտներս ու ձեռներս փայտացան։

Վերջապէս, որոշեցինք մեր բեռները ձգել մի նշանակուած քարի տակ եւ մենք էլ շտապ֊շտապ իջանք դէպի դաշտը։ Չգիտէինք, ո՞ւր գնալ․ Վանքը հեռու է, Կարանի մտնել չենք կարող, ուրիշ գիւղ էլ չգիտէինք։

Վերջապէս, վազէվազ հասնում ենք դաշտը, որոշում ենք մտնել առաջին պատահած աճամի գիւղը։ Ձիւնով անձրեւով թրջուած ենք․ ոչ մի թուրք, թաթար չի համաձայնոմւ մեզ ներս առնել։

«Սայտամ» կը լինեն, հակառակ նրան, որ դրամ էինք առաջարկում գիշերելու համար։

Երկար թափառումներից յետոյ, մի քիւրդ համաձայնում է մեզ ներս առնել իր տունը եւ թոնիր վառել մեր շորերը չորացնելու համար, պայմանով, որ մի գիշերուայ համար իրեն երկու թուման տանք։ Ճար չկայ, համաձայնւում ենք…

Ներս ենք մտնում մի ցածլիկ խրճիթ․ վառում են թոնիրը ծխով լցւում է խրճիթը․ բայց այդ բոլորը մեզ համար ոչինչ է, որովհետեւ ուղղակի փայտացել էինք։ Մեր արիւնը կարծես կանգ էր առել։

Վերջապէս, տեղաւորւում ենք թոնիրի չորս կողմը։ Մարմինս տաքանում է, ոտներս հանում եմ ուրիշ գուլպայ հագնելու եւ ընկնում եմ հողէ գետնի վրայ․ մի անուշ քուն է գալիս վրաս․ քնում եմ խորունկ, հարբեցած, մի անյայտ երջանկութեան զգացմունքով…

Բայց հայ գիւղացին, կամ առհասարակ արեւելցին, ոչ յոգնել գիտէ, ոչ հանգստանալ եւ, մանաւանդ, ոչ էլ ուրիշների հանգստեան արժէքը գիտէ։

Ջաֆարը, որտեղից ո՞ւր, գիւղից նաղարաջին, զուռնաջին գտել է եւ բերել մեր խրճիթը։ Հաւաքուել են գիւղի աղջիկները եւ հարսները, երգում են, պարում ու քէֆ անում…

Քնել անհանարին է այլեւս․ ստիպուած եմ նստել։ Իմ կացութիւնը ծանր էր․ նախ որ քրդերէն չգիտէի, ուստի համրի դերի մէջ էի․ երկրորդ՝ պատուիրած էի, որ ամբողջ ճանապարհին, մանաւանդ օտարների ներկայութեան, ինձ որեւէ ծառայութիւն չանեն, — արդէն դիտմամբ աղքատի հագուստ էի հագել աչքի չընկնելու համար։ Ի դէպ, պէտք է ասել, որ Ջաֆարը իմ այս հանգամանքից օգտուելով՝ թէ՛ այս գիշեր եւ թէ՛ ապագային ինքն իրեն խմբի աղա էր հռչակել եւ աջ ու ձախ հրամաններ էր արձակում։

Քրդերը նկատել էին իմ տարօրինակ դիրքը, որ չեմ երգում, խաղերին չեմ միջամտում եւայլն։ Ջաֆարը փութաց երեւոյթները փրկել՝ յայտարարելով, որ ես վանեցի եմ, Մահմատ Սատըգի֊Խաչան գիւղի վարժապետը եւ բէյի «քեաթիպը»՝ (գրագիրը), հիւանդ եմ, քէֆ չունիմ։

Վերջապէս, ամէնքը ցրւում են, եւ մենք տան տէր քիւրդ ընտանիքի հետ մինակ ենք մնում խրճիթի մէջ, որը այնքան նեղ էր, որ ամէնքիս պառկելու տեղ չէր տալիս։

Մի քանիսը մնում են նստած եւ այնպէս ննջում։

Առաւօտեան լուսաբացին, քրդին վճարելով իրեն խոստացուած երկու թումանը եւ հացի գինը՝ ճանապարհւում ենք դարձեալ դէպի Ալագան։ Թէեւ խիստ ցուրտ է, բայց օդը արդէն պարզուել է, եւ շուտով արեւ կʼունենանք։

Մենք շտապում էինք, որովհետեւ վախենում էինք, թէ քրդերը մեզնից վաղ կարող են ելնել լեռը եւ մեր պահած բեռները գտնել։ Բայց համարեա թէ միաժամանակ ենք հասնում, վերցնում ենք բեռները եւ բարձրանում Ալագանի գլուխը։ Մեր առջեւ կամաց֊կամաց բացւում է Աբաղայի սիրուն դաշտը։

«Հրէ՜ն սահմանի նշանը»… ձայնում է Ջաֆարը, ցոյց տալով մի կլոր եւ ծակ քար։

Ճիգ եմ անում ինձ ներշնչելու, թէ այսուհետեւ օդը պիտի փոխուի, տեսարանները՝ նոյնպէս։

Բայց շուտով պիտի տեսնենք սոսկալի տեսարաններ… Չէ՞ որ «արցունքի հովիտն» ենք իջնում։ Սակայն իմ ճիգերս ի զուր են անցնում․ օդը, բնութիւնը, լեռները, նոյնիսկ մարդիկ նոյնն են, ինչ որ Պարսկաստանի կողմը տեսանք։

Շուտով իջնում ենք դէպի Աբաղայ։ Իջնելը աւելի դժուար է փիւնային ճանապարհով․ յաճախ ընկնում եւ խրւում ենք ձիւնի մէջ։ Ճանապարհը, ոչ աւելի քան երկու տոաչափ լայնութեամբ, նեղ ժապաւէնի պէս պտոյտներ է անում սարի լանջերին։ Պէտք է լարուած ուշադրութեամբ գնալ, մանաւանդ ինձ պէս անփորձ մարդկանց համար, ապա թէ ոչ մի անզգոյշ քայլ, եւ կʼընկնես անդունդ․ իսկ լաւագոյն դէպքում՝ կը խրուես մարդահասակ ձիւնի մէջ, որից ելնելու համար չորս մարդու օգնութիւն է հարկաւոր։

Դեռ դաշտը չհասած՝ ճիշդ Չպուխլու գիւղի վերեւ, մեր ուղեկիցներից անձաւցի մի տղայ, որ շատ ծանր բեռ ունէր, յանկարծ սայթաքուեց ու գլորուեց։ Մէկ էլ տեսանք՝ ձիւնի մէջ ոտքով֊գլխով եւ բեռով կորաւ։ Ընկել էր մի ձորի մէջ, ուր հողմերը ահագին քանակութեամբ փափուկ ձիւն էին դիզել։ Ահագին նեղութեամբ եւ տանջանքով հազիւ կարողացանք խեղճին ձիւնի տակից հանել կիսամեռ վիճակի մէջ։

Վերջապէս երեկոյեան դէմ հասնում ենք Չպուխլու։ Գիւղից մի քիչ դուրս նստում ենք․ գիւղ մտնել վտանգաւոր էր։ Մեծ գիւղ էր․ սակաւաթիւ հայ տներով։ Ծանօթ մարդ ենք ճամբում հաց բերելու․ ամբողջ օրը բան չենք դրել բերաններս։ Բոլոր քրդերը տաիքների վրայ զբաղուած են ոչխարներով․ խոտ են ձգել ձիւնի վրայ, «խեծոց» են արել եւ արածեցնում են ոչխարներին։ Ձմեռը այսպէս են կերակրում ոչխարներին՝ առաւօտ եւ երեկոյ դուրս տանելով եւ ձիւնի վրայ խոտ ցանելով․ թէ՛ խոտը կը փափկանայ, թէ փոշին կը մաքրուի եւ թէ ոչխարը, թաց խոտ ուտելով, ջրի պէտք չի ունենայ։

Հաց ուտելուց յետոյ, երբ մութը արդէն կոխել էր, ուղեւորւում ենք դէպի Խաչան։ Այսօր այնտղ պիտի գիշերենք։

Հասնում ենք Խաչան։ Հազար ու մի զգուշութիւններ ձեռք առնելով մեզ ներս են տանում։

Խաչանը քրդական մեծ գիւղ է․ այնտեղ է նստում հայտարանցի յայտնի բէյերէն Մահմատ Սատըգ բէյը։ Հայերը, թէեւ թուով աւելի քիչ են, քան քրդերը, բայց Աբաղայի հայ գիւղերից ամենաուժեղը եւ ամենահարուստը Խաչանի հայերն էին։

Ինձ տանում են Ռէս Ռաշոյի «օտա»ն։ Գիւղական «օտա»ն ձմեռուայ համար ամենաախորժելի վայրն է գիւղի մէջ, ուր բնակարանի ոչ մի յարմարութիւն չկայ, ուր գաղափար անգամ չկայ լուսամուտներով սենեակի մասին, ուր հայ եւ քիւրդ տները այնպէս են, ինչպէս նկարագրում է Քսենոֆոնը․— ձմեռը մուտը կտուրիցն է, լայն եւ երկար ձգուած սանդուխներով դէպի ներս․ կենդանիները, բացի ոչխարներից եւ այծերից, ձմեռը փակուած են մնում մինչեւ գարուն՝ ախոռի մէջ կերակրուելով, մանաւանդ ջրուելով մարդու մէջքով կրուած ջրով։

«Օտա»ն կենդանիների ախոռի մէջ, մեծ մասամբ վերի գլուխը, յաճախ ճիշդ մէջտեղը, բարձր սաքուի իման մի տեղ է, ուր օջախ կայ եւ բարձր — չորս կողմից — նստելու տեղ։ «Օտա»ն հաճելի էր իր տաքութեամբ ոչ թէ ողորմելի օջախի, այլ անասունների արտաշնչութեան շնորհիւ։

«Օտա»յի մեծութիւնը մեծ մասամբ կախուած է տան տիրոջ հարստութիւնից։ Երբ շատ հարուստ է, այսինքն՝ ունի բազմաթիւ եզներ, տաւար եւ գոմէշ, գոմն էլ կը լինի ընդարձակ եւ մեծ։

Խաչանցի Ռէս Ռաշոյի տունը ինձ յիշեցրեց Րաֆֆիի «Խենթ»ի տանուտէր Խաչոյի տունը։ Ինչպէս Ջաֆարն էր ասում, նա ունէր 250֊300 կապ գոմէշ, եզներ, կովեր եւայլն․ ունէր ե՛ւ 1000ից աւելի ոչխար։ Այս հարստութիւնը ինձ շատ զարմացրեց, որովհետեւ մենք միշտ լսել ու կարդացել էինք միայն կողոպտուած, թալանուած եւ աղքատ Հայաստանի մասին, իսկ տանուտէր Խաչոյի տունը անցած գնացած էր համարւում։

Ռէս Ռաշոյի տունը հարուստ էր ե՛ւ հիւրասիրութեամբ, մանաւանդ հայրենասիրութեամբ։ Շրջանի քիչ հայ տներիցն առաջինն էր, որ մեծ գործին օգնում էր ազգասիրաբար։

Աբաղայով անցնող, գաղտնի եւ յայտնի յեղափոխական խմբերի, սուրհանդակների, ինչպէս եւ սահման անցնող կամ դարձող բազմաթիւ գաղթականների հացն ու կերակուրը Խաչանի սահմանում հոգացւում էր Ռէս Ռաշոյի տնից։

Ռէս Ռաշոյի օտայում մեզ հիւրասիրեցին բուլղուր փլաւով, հաւով, մածնով, կարագով, պանիրով եւ լաւ ճերմակ հացով…

Սեղանը նոր էին հաւաքել, երբ յանկարծ լուր եկաւ, թէ քրդերը գալիս են մեր «օտա»ն։ Իսկոյն ինձ տեղափոխեցին «Բրախոլամ»ի տունը, որ մի աղքատ խրճիթ էր եւ շատ էլ ցուրտ։

Մոռացել եմ յիշել Բրախոլամի եւ մի այլ «շնորհքի» մասին։ Նա իր այդ հասակով երկրորդ կին էր առել, երբ առաջինը դեռ կենդանի էր։ Երկրորդ կնոջից ունէր երեք մանչ, որոնց մասին հպարտութեամբ ասում էր․ «Ազ բաբէ Սերոբ, Քերոբ, Մեսրոպ․— Ես Սերոբի, Քերոբի եւ Մեսրոպի հայրն եմ…»։ Աւելի զարմանալին այն էր, որ երկու կինն էլ ապրում էին միեւնոյն յարկի տակ։

Չգիտեմ, այս կրկնակի ամուսնութեա՞ն, թէ այլ պատճառով «Բրախոլամ»ը բաժանուած էր մեծ որդիներից՝ Գրիգորից եւ Կնեազից, որոնք ամուսնացած էին եւ որոնց հետ էր ապրում նաեւ իրանց մայրը։ Տան պակասութի՞ւն էր, թէ մի այլ բան, այս երկու բաժանուած եւ հակընդդէմ ընտանիքները ապրում էին միեւնոյն բնակարանում։

Իսկոյն «անկողին» են շինում մեզ համար։ Անկողին եմ ասում չակերտելով, որովհետեւ դա բաղկացած էր ներքնակի տեղ մի թաղիքից, վերմակի տեղ՝ նոյնպէս թաղիքից, իսկ բարձի տեղ՝ մի խոտով լեցուած գունդից…

Առհասարակ Վասպուրականի գիւղացիք այլ տեսակի անկողնի մասին գաղափար չունէին։ Այս չի էլ կարելի բացատրել աղքատութեամբ միայն, որովհետեւ ուրիշ անգամ հէնց Աբաղայում եղել եմ հարուստ տների մէջ, որոնք նոյն կերպ են եղել համարեա։ Համարեա եմ ասում, որովհետեւ վերմակ թաղիքի տեղ այդպէս հարուստ տներում լինում է երկար թելերով փրջոտ, ինչպէս իրենք են ասում, ջուլ (կապերտ) վերմակներ։ Այսպէս են եւ քրդերի տները։ Բացառութիւն են կազմում միայն աղաների տները, ուր քաղաքի անկողինը մտած է արդէն։

Միւս առաւօտ շատ վաղ ճանապարհւում ենք դէպի Բերկրի։ «Բրախոլամը» այլեւս չի գալիս մեզ հետ․ հիւանդ է․ խոստանում է քանի մը օրից յետոյ ապրանքներով գալ ուղղակի քաղաք։

Առաջնորդում են Ջաֆարը, Կնեազը, Բերկրիի փոսի տղաները եւ մեզ Աբաղայից միացած նոր հայերը, որոնք եկել էին այնտեղ զանազան գործերով։ Մի երկուսը «Բրախոլամի» տանն էին, թել էին բերել ներկել տալու համար․ մէկը անցեալ տարի Խաչան վարժապետ էր եղել, եկել էր իր վարձքը ստանալու․ փոխարէնը իւղ էին տուել տանելու։

Այսպէս բազմաթիւ անձերի հետ մենք կամաց֊կամաց պտոյտներ անելով՝ առաջանում ենք դէպի Բերկրի․ ճանապարհը շարունակ օձապտոյտ զիկզակներ է անում ձեան պատճառով, մեծ մասամբ անցնում է քիւրդ գիւղերի միջով, որովհետեւ գիւղէ գիւղ եկողները ճանապարհ էին շինել․ իսկ դրսից քայլել անկարելի էր։ Մենք էլ ստիպուած էինք բազմաթիւ գիւղեր մտնել, որ շատ վտանգաւոր էր եւ շատ էլ ժամանակ էր խլում։ Առաւօտները եւ երեկոները գիւղերի մէջ՝ դուրսը շատ մարդ չէինք տեսնում ցրտի եւ բուքի երեսից, իսկ կէսօրներին, երբ արեւը սկսում էր օդը տաքացնել, գիւղացիք դուրս էին թափւում եւ դիտում անցորդներին։ Շատ անգամ կանգնեցնում էին ժամերով, հարց ու փորձ անում նորութիւնների մասին։ Քիւրդերի լրագիրները այս անցորդներն էին, որոնք անդադար անցնելով զանազան վայրերից՝ նորութիւններ էին պատմում։

Մեր Ջաֆարին էլ Աստուած տուել էր․ թէ՛ շատախօս էր, թէ՛ շատ լուր գիտէր եւ թէ՛ մանաւանդ, շատ էր սիրում դատարկախօսութիւն անել։ Երբ որեւէ գիւղ էինք հասնում, սկսում էր զգայացունց լուրեր պատմել եւ հրամայել, որ մենք անցնենք, որպէսզի ես փորձանքի չենթարկուեմ՝ քրդերէն չգիտնալուս համար։ Բայց այդ վարպետութիւնը շատ անգամ ժամանակի ի զուր վատնումի պատճառ էր դառնում։ Կնեազը բողոքում էր, որ լեզուից (ամէն աշիրէթ խօսակցութեան յատուկ եղանակ ունի) կարող են ճանաչել, թէ նա կասկածելի է, «ղաչաղ», փախստական։

Որպէսզի ճանապարհին աննկան մնամ, շալակս տուել էին նոր ներկուած թելի մի մեծ խուրձ, իսկ երբ Բերկրիին սկսեցինք մօտենալ, վարժապետի իւղի տիկը շալակս տուին…

Արդէն սկսել էի ուժասպառ լինել։ Կեանքիս մէջ առաջին անգամն էր, որ ձմրան օրերին այսպէս բացառիկ պայմաններով՝ ոտով ճանապարհ էի գնում։

Դրութիւնը աւելի ծանր էր այն պատճառով, որ տակից ֆանէլաներ էի հագել եւ հագուստս էլ, բացի ժակէտիցս, վրաս էր չմսելու համար։ Եւ այդ եղաւ ինձ պատիժ․ ամբողջ մարմինս հարուեց ու ուռեց։ Իսկ ոտներիս հալը Աստուած հեռու տանի։ Չարուխի անսովոր էի․ մանաւանդ չգիտէի նրա անտէր թելերը կապելու ձեւը․ միշտ կապում էին ուրիշները, իսկ նրանք էլ, ամէն անգամ նեղութիւն չքաշելու համար, այնքան խիստ էին հուպ տալիս, որ թելը մտել էր մսիս մէջ եւ կապոյտ փոս արել։ Բերկրի մտնելու ժամանակ կատարեալ բնական կաղ էի, այն անտէր իւղի տիկն էլ կաթում էր եւ կամաց֊կամաց ծծւում մէջքս ի վար…

Բերկրիի մէջ պէտք է անցնէինք ուղիղ կառավարութեան տան առջեւից։ Թէեւ այն ժամանակ Բերկրին մուտուրլըղ էր, բայց բաւականաչափ զօրք կար այնտեղ նստած, իբրեւ սահմանին մօտ տեղ։

Արեւ օր էր։ Ասկարները՝ կառավարութեան եւ իրենց զօրանոցի բնակարանի դրան մօտ պատի տակ պպզած՝ զրոյց էին անում։

Երբ մեզ տեսան, սկսեցին կատակ անել։ Մէկը, նկատելով իմ մեծ բեռը, նրա վրայ դարսուած ներկուած թելերը եւ, մանաւանդ, կաղ ոտս, խնդաց եւ ցոյց տուաւ ընկերոջը, ասելով․— «Բու թօփալ հարիֆա բակընըզ, կեօր նա կատար իւք կալտըրմըշ»… (Այս կաղ մարդուն նայեցէք, որքան բեռ է վերցրել)։

Սիրտս կտրաւ փորս ընկաւ։ Ասացի՝ ահա պիտի մօտենան ինձ։ Բայց Ջաֆարը սկսեց իր կատակները, եւ ես վերջին ճիգն արի ու անցայ։

Համարեա շնչասպառ հասայ բերկրեցի մեր հին սուրհանդակներից Սրգոյի տունը։

Սրգոն ինձ հանգստացնում էր, որ վտանգը անցաւ, ոտնամաններս էր հանում եւ աղաջրով լուանում։

Նոր նկատեցի, որ ոտքերիս տակը ի սպառ սեւացել է եւ առհասարակ խիստ ուռել։

Սրգոն հիւրասիրում է մեզ թէյով։ Պէտք է նկատել, որ Պարսկաստան եւ Տաճկաստան շաքարը խիստ աժան էր, աւելի աժան, քան Կովկաս։ Ուստի ամէն գիւղում միշտ կարելի էր թէյ գտնել, մանաւանդ Բերկրիի նման կարեւոր գիւղում։

Երեկոյեան դէմ ուղեւորւում ենք դէպի մօտիկ գիւղը, որ կէս ժամ հազիւ հեռու է Բերկրիից։ Այնտեղ, իբրեւ զուտ հայաբնակ գիւղ, աւելի ապահով է, քան հազիւ մի քանի հայ տուն ունեցող եւ պաշտօնեաներով, ժանդարմներով եւ զինուորներով լեցուն քրդական Բերկրին։

Պստիկ գիւղի մէջ մեզ հիւրասիրում է գիւղի շմբապետ Սարգիսը իր տան մէջ։ Այս գիւղից սկսած արդէն կազմակերպութիւններ կային գիւղերի մէջ։

Պստիկ գիւղի տղաներից այն գիշեր ես ծանօթացայ համեմատաբար աչքի ընկնող բոլոր տղաների հետ, որոնք մինչեւ վերջը մնացին գործի գլուխ եւ մեծ ծառայութիւն մատուցին։

Սարգիսը, ինչպէս ասացի, այս գիւղի կազմակերպութեան ներկայացուցիչն էր կամ, ինչպէս իրենք էին ասում «Գործադիրը»։ Կիսագրագէտ մի հասարակ գիւղացի էր։ Դեռ որեւէ անցեալ չունէր․ զբաղւում էր փոխադրութեան գործի ղեկավարութեանբ։ Արդէն վերն ասացի, որ Աբաղայի հայերը ապրանքները փոխադրում էին մինչեւ Բերկրիի փոսը, մեծ մասամբ Պստիկ գիւղը։ Այս գիւղը, շնորհիւ իր զուտ հայ բնակչութեան եւ լերան անմիջական ստորոտը լինելուն, ունէր լաւ, փորձուած եւ հայրենասէր երիտասարդութիւն, որ ապրանքները ամենայն ապահովութեամբ պահում էր գիւղից դուրս շինուած շատ ապահով եւ չոր պահարանների մէջ եւ մաս մաս փոխադրում մինչեւ Թիմար… Սարգսի գործն էր հսկել փոխադրութեան վրայ։

Արտաքուստ, ինչպէս յետոյ տեսայ, եւ ներքուստ, Սարգիսը համակրելի մէկը չէր։ Կարծես աւելի շահասիրութեան եւ դիրքի համար էր (իսկ այդ դիրքը, շնորհիւ կազմակերպութեան մեծ հեղինակութեան, աւելի մեծ էր, քան ռէսի դերը) մօտեցել կազմակերպութեան։ Սարգիսը նոյն տարին էլ բանտարկուեց եւ երեք տարի Վանի բանտը նստեց։ Յետոյ, Ազատութեան տարիներին արդէն ռէս էր դարձել։ Շատ էին գանգատւում, որ կառավարութեան կոմղն անցած՝ գիւղացիներին կողոպտում է, մանաւանդ պատերազմի տարիներին։

Ռուս֊թրքական պատերազմին եկաւ քաղաք՝ Վան եւ իր ծառայութիւնը առաջարկեց, ասելով, թէ ինքը լաւ քրդեր ունի, կարող է նամակ ճամբել Սուրէնին (Դրոյին)։ Մի նամակ գրեցի, տուի մի քանի ոսկի էլ սկզբնական ծախսերի համար։ Այն գնալն էր, որ գնաց։ Չգիտեմ նամակս ճամբեց թէ ոչ, բայց ինքը սպաննուեց կոտորածների ժամանակ։

Ղուկաս կամ Կակոս․— Սա Պստիկ գիւղի ամենաշատ կրթութիւն ունեցող երիտասարդ գիւղացին էր, կարծեմ հարուստի որդի էր, գիւղի «քեաթիպ»ն էր, ինչպէս եւ մեր գործադիր մարմնի գրագիրը։ Վատ մարդ չէր, սիրում էր կարդալ, մանաւանդ վիճել։ Աշխատել է 1903֊14 թուին։ Մասնակցել է ապրիլեան կռիւներին։ Կռիւներից վերջ Մոկացի Օհանէսի, Շատախցի Աւոյի եւ ընկերների հետ մեկնեց իրենց գաւառը եւ սպաննուեց ընկերների հետ Խաչանի մօտ անհաւասար կռւում։

Յարութիւնը Պստիկ գիւղի մեր հին եւ լաւ զինուոր սուրհանդակներից մէկն էր, որ շատ անգամ Վանից մինչեւ Վանքն էր գնում եւ Վանքից՝ Վան։ Բոլոր կարեւոր խմբերը եւ ընկերները, ինչպէս եւ մեծ կապոցներով ապրանքները պահող եւ փոխադրող ինքն էր Գէորգի հետ։ Սրան եւ Գէորգին դեռ կը հանդիպենք մեր պատմութեան ընթացքում։

Գէորգը մեր հին զինուորներից մէկն էր, մասնակցած էր Խանասորի արշաւանքին եւ Վանքից անցնող շատ զինատար խմբերին, իբրեւ զինուոր֊սուրհանդակ։ Պստիկ գիւղի մեր կազմակերպութեան ոգին էր, ամենաանձնուէր աշխատողը։ Աղքատ մարդ էր․ իր ընտանիքը պահում էր ջրաղացպանութեամբ․ սրա մօտ մի կազմակերպական մօսին հրացան կար Խանասորի զէնքերից։

Պստիկ գիւղում ամբողջ գիշերը չքնեցինք։ Երիտասարդները հաւաքուած՝ խոսում, վիճում, նորութիւններ էին հարցնում, մանաւանդ իրենք էին պատմում հին դէպքերի եւ կռուիների մասին։ Կարդում էին, ի մեծ զարմանս իմ, Նարեկացի։ Կարծեմ, մեծ պասն էր։ Իմ հարցին, թէ նոր գրքեր չունէ՞ք, գնացին բերին «Դրօշակ»ի եւ «Հայրենիք»ի ամբողջ հրատարակութիւնները, հին եւ նոր «Դրօշակ»ներ եւ զանազան արտասահմանեան թերթեր։ Իբրեւ սուրհանդակային վայրի գիւղ, ամէն անգամ իրենց բաժին գիրքն ու թերթը վերցնում էին եւ ապա ճամբում Վան։ Նոր գիրքերը ամբողջապէս կարդացել էին, այժմ նորից դարձել էին Նարեկին, որը չգիտեմ հասկանո՞ւմ էին, թէ ոչ, բայց շատ աշխոյժով կարդում էր Ղուկասը, եւ միւսները մեծ ուշադրութեամբ լսում էին։

Միւս օրը առաւօտեան մեկնեցինք Պստիկ գիւղից, Կնեազը այնտեղ թողնելով։ Ինձ ուղեկցելու են գալիս Պստիկ գիւղացի Յարութիւնը, Գէորգը եւ Անձաւցի Մելոն։

Մելոն Բերկրիի շրջանի մեր ամենահին, նուիրուած եւ երախտաւոր գործիչն էր։ 1894էն սկսած, կատարել է սուրհանդակութիւն, զինուորութիւն, փոխադրութիւն եւ ամէն բան։ Եղել է Վազգէնի այն խմբին մէջ, որ Խանասորի կռուից առաջ Սալմաստից մեկնել էր Վան, ուր եղել է եւ Անդրանիկը։ Մի քանի անգամ փախստական է եղել, անցել է Պարսկաստան, միաժամանակ ապրել է Բերկրի։ Նրա տան մէջ բռնուել է 1902ին Սարգիս Օհանջանեանը․ այդ առթիւ էլ փախստական է դարձել, բայց նորից կարողացել է վերադառնալ եւ գործը շարունակել։

Մելոյի տունը Դաշնակցութեան խանն է եղել։ Դաշնակցական բոլոր հայ, քիւրդ, եզիտի եւ այլ սուրհանդակներն այդ գծով անցնելիս՝ կազմակերպական թէ անձնական գործով՝ պիտի հիւրընկալուէին Մելոյի տանը։ Եւ այդ էր պատճառը, որ չնայած նրա եւ եղբայրների չափազանց աշխատասիրութեան, երբեք չկարողացան փոքր ի շատէ տանելի կեանք ունենալ, նոյն իսկ «Հիւրիաթ»ի ժամանակ։

Վերջին անգամ «Պարապ»ը (այսպէս էր Մելոյի կեղծ անունը), ռուս֊թրքական պատերազմի ժամանակ նամակ տանելով Դրոյին բանակը, Վանի ողբերգական վիճակի մասին, մնացել էր այնտեղ եւ կամաւորների հետ առաջին անգամ Վան էր մտել։ Մելոյի տարիների բեռան տակ ճնշուած եւ կորացած մէջքն ու նահատակի բարի դէմքը պարզուել էր։ Նա հպարտ էր․— «Պարոն, ես իմ պարտքը կատարեցի, մնացածը ձեր մարիֆաթին կը թողում»,— ասած եո ւպւնա ճանապարհուեց իր աւերակ տունը շինելու համար։ Այնուհետեւ չիմացայ, թէ ինչ եղաւ մեր սիրելի Մելոն։

✻✻✻

Բերկրիի դաշտին մէջ, մեր ժապաւինաձեւ ճանապարհը անդադար զիկզակներ էր անում բազմաթիւ քիւրդ գիւղերի միջեւ։ Օրը մեր բախտից շատ ցուրտ էր, եւ քիչ մարդու էինք հանդիպում։ Բայց քանի առաջանում էինք, մարդիկ այնքան շատանում էին։ Ջաֆարը յետոյ բացատրեց, որ Բանդի֊Մահուի կամուրջով Արճէշի քարւանային ճանապարհը միանում է Բերկրիի ճանապարհի հետ դէպի Վան գնալու համար։ Այստեղ էր անցնում ե՛ւ ձիաւոր փոստը։

Իրօք, շուտով մենք տեսանք ձիաւորների հետքեր։

Ձիերի երթեւեկելը ճանապարհի նեղ ժապաւէնի վրայ խորունկ փոս էր շինել, շատ անգամ կէս արշինից խորունկ, իսկ այդ ծակերի կողմը սառել քարի պէս կարծրացել էր։ Ձիերը իրար յետեւից զգուշութեամբ քայլում էին, նախորշուած ծակերի մէջ դնելով եւ հանելով իրենց ոտքերը։

Իմ ուշադրութիւնը գրաւեց մի այլ հանգամանք։ Մեր ժապաւինաձեւ ճանապարհի վրայ տեղ֊տեղ, 50֊60 արշին երկարութեամբ, տնկուած էին երկար եղէգներ, կարծես չարաճճի երեխաների խաղ լինէր։ Բայց, երբ շատ կրկնուեց, Ջաֆարի ամենագիտութեան դիմեցի բացատրութիւն ստանալու համար։ Շատ պարզ բան է եղել։ Քամին եւ բուքը միշտ լեցնում են ճանապարհը, ժապաւէնի հետքը կորչում է եւ ճանապարհորդները խրւում են խորունկ ձիւների մէջ։ Մարդիկ հնարագիտութիւն են արել, ճանապարհների երկարութեամբ եղէգ են տնկել հետքը չկորցնելու համար։

Բայց հեռուից ահա, Շուաքարի կողմից, մի մեծ խումբ քրդեր են գալիս՝ ոտից գլուխ զինուած։ Եւ աւելի տարօրինակն այն է, որ ամէնքը ինչ որ մի բանի մէջ նստած են կարծես։

Յարութիւնը եւ Գէորգը ինձ նախազգուշացնում են, որ, երբ խումբը մօտենայ, իրենք պիտի ելնեն ճանապարհից եւ խոնարհ գլուխ տան անցորդներին։ Ես էլ պէտք է հետեւիմ նրանց օրինակին։ Ճար չկայ, հրամանը պիտի կատարուի։ Քրդերը մօտենում են մեզ։ Երեւի այսպիսի շքախմբեր յաճախ են անցել եւ մեզ պէս «րայեաթ»ները ճանապարհից ելել եւ խոնարհութիւն են արել, որովհետեւ ճանապարհի եզրերին ես յետոյ նկատեցի, որ լայն ու խորունկ փոսեր էին գոյացել, ուր ապաւինեցինք խոնարհութիւն անելու եւ շքախմբին ճամբայ տալու համար։

Երբ խումբը անցաւ, ես նոր գլխի ընկայ, որ մարդիկ նստած էին նեղ ու երկար սահնակների մէջ, որոնց նմանը իմ պատանեկութեան ժամանակ ես էլ ունէի։ Տանում էինք մեր քաղաքի գլխիվայր փողոցներով սահեցնելու եւ զուարճանալու։

Բայց կարծեմ Տաճկաստանի քրդական սահնակները զուարճալիքներ չէին։ Ջաֆարը բացատրում է, որ քիւրդ աղաները ձմեռ ժամանակ, երբ ձիու ոտը չի կարող գետին կոխել, ճանապարհորդում են «խզակ»ներով (սահնակ), որոնք նեղ են, ինչպէս ճանապարհը, եւ երկար, որքան կարող է մարդ մէջը նստել եւ ոտքերը մեկնել։ Քիւրդ բէյերն ու աղաները փառաւորապէս նստում են, անկողնում փաթաթուած, այդ սահնակների մէջ, իսկ բազմաթիւ մարդիկ, նայած ճանապարհի թեքութեան եւ հարթութեան, լծւում են ու քաշում։ Այդ լծկանները մեծ մասամբ լինում են մրիբայ հայերը կամ քիւրդերը։

Կեանքիս մէջ առաջին անգամն էի համարեա հանդիպում քիւրդ աղաների եւ, պէտք է ասել, նրանց արտաքինը, հագուստը, զէնքերը, սահնակները արտայայտում էին այն բոլորը, ինչ որ ես նրանց մասին կարդացել էի կամ լսել։

Յարութիւնը բացատրում է, որ այդ ժամանակները մեռել է Շաւըցոց Ջաֆար աղային կինը։ Ըստ Շարիաթի օրէնքի, մեռած եղբօր կինը հասնում է միւս եղբօրը, որը նրա հետ ամուսնանալով՝ տէր է դառնում եւ եղբօր ունեցածին։ Ջաֆար աղան այդպիսով դարձել է Շաւըցի աշիրաթի պետ։ Քիւրդ աղաները եկել են գլուխ ողջի եւ միեւնոյն ժամանակ շնորհաւորութեան։

Մենք շուտով պիտի հասնենք Ճանիկ, բայց դեռ լոյս է, իսկ լոյսով Ճանիկ մտնել անհնարին է։ Այնտեղ էլ միւտըրլըգ է՝ կաառվարութեան կեդրոն։

Յարութիւնը խորհուրդ է տալիս մտնել Տիրամէր֊Աստուածածին գիւղը։ Տիրամէրը ուխտատեղի է՝ «Կայծերի» հերոսների շրջագայած վայրերից մէկը․ ուզում եմ տեսնել։

Ճանապարհից շեղում ենք դէպի Տիրամէր։ Արդէն երեկոյեան դէմ է։ Արեւը թեքուել է դէպի Վանայ ծովակը։ Սքանչելի վերջալոյս է։Մեր դիմացը կանգնած է սիգապանծ Սիփանը ճերմակ շղարշով։ Բայց այնքան յոգնած եմ, որ ոչ գեղեցկութիւն կարող եմ տեսնել եւ ոչ էլ զգալ…

Շուտով հասնում ենք գիւղ։ Յարութիւնը մեզ տանում է իր ծանօթ բարեկամի տունը։ Առաջին անգամ այդտեղ արդէն տեսնում եւ զգում եմ համիտեան րէժիմի աւերմունքները։ Ներս ենք մտնում տունը, ուր թոնիր կայ եւ ուր ընտանիքի անդամները նստած են թոնրի շուրջ, ոտքերը կախած թոնրի մէջ եւ վրան ձգուած ինչ որ ջուլ…

Տանտիկինը մի այրի պառաւ է իր երկու հարսներով։ Յարութիւնը պատմում է, որ պառաւի երեք որդիները սպանուել են 1896ի կոտրածների ատեն։ Հարսները բազմաթիւ մանր տղաներով, մնացել են այրի եւ պառաւի հետ քարշ են տալիս իրենց թշուառ գոյութիւնը։ Տունը բաւական մաքուր էր․ բայց ի սպառ զուրկ գիւղին յատուկ կահ֊կարասիներից։

Ինձ ներկայացնում են իբրեւ ապաղեցի հայ։ Ձայն չեմ հանում, որ լեզուիցս բան չհասկնան։ Բայց մի քանի տարօրինակութիւններս ինձ մատնում են։ Չեմ կարող, աւելի ճիշդ, չեմ ուզում ուռած եւ խոնավ ոտներս թոնրի մէջ կախել, թէեւ ամէնքը կախել էին արդէն։ Շուտով կերակուր բերին, որը «վըռոչ» էր՝ ցորենը եփուած ջրի մէջ, աղով, ուրիշ ոչինչ։ Սոսկալի սեւ գոյնով մի սարսափելի բան։ Մի երկու դգալ փորձեցի, բայց չկարողացայ։ Հացն լ գցեցի, որ գարիի եւ տարիկանի խառնուրդ էր․ ուտել չէր լինում։ Կամաց յետ քաշուեցի եւ ինձ համար առանձնացած՝ մտածում էի Յարութիւնի պատմածների մասին եւ ոտներիս ցաւից ու տխուր խոհերից մէկ֊մէկ հառաչում։ Պառաւը իսկոյն կռահեց, որ ես գիւղական չեմ։

Վալլահ, սա խէն գիւղական չէ, կաչաղ </i>է</i>…

Կաչաղ ասում են Վանի հայերը փախստական յեղափոխականներին։ Յարութիւնը, մանաւանդ Ջաֆարը, որ տեղի եւ անտեղի, կոտրուած դգալի պէս, միջամտում էր խօսքերին, պառաւին հանգստացրին։ Բայց նա պնդեց իր ասածի վրայ եւ սկսեց ինձ պատմել իր դարդերը, նկարագրել իրենց գիւղի կոտորածը, որը կատարուել էր Շաւըցի աշիրաթի ձեռքով եւ շատ անգթօրէն…

Զարմանալի են ճակատագրի խաղերը։ Այս անգամ էլ, 1914ի ռուս֊թրքական պատերազմին, Տիրամէրը եղաւ առաջին զոհը։ Ջէվտէթը ահա ինչ է գրում իր իտալական հիւպատոսին ուղղուած նամակում․ «Թիմարէն յառաջացող մեր ջոկատները ոչնչացնելէ ետքը Տիրամէրի մէջ հաւաքուած ապստամբները՝ Ալիւր գիւղ հասան»։ Շաւըցի քիւրդերը եւ կառավարութեան ոստիկանները յարձակուել են գիւղի վրայ, որը քիչ պաշտպանուելուց յետոյ անձնատուր է եղել․ սկսել են ջարդել եւ չեն խնայել ոչ երեխայ եւ ոչ ծեր, ոչ կին եւ ոչ երիտասարդ։ Քահանային նահատակել են անասելի տանջանքներով։

Բայց չեմ կարող այստեղ սրտի առանձին յուզմունքով չյիշել այստեղի քահանայի եւ շատ ուրիշ վանահայրերի մի բարձր հոգեւոր ազգային մտահոգութիւնը։ Տիրամէրի քահանան, գիտակցելով, որ կոտորածը անխուսափելի է, հասկանալով, որ ոչինչ չեն խնայելու, մանաւանդ զգալով, որ բարբարոսները պէտք է ոչնչացնեն ոչ միայն իրենց նիւթական կեանքը, այլեւ մշակութային՝ վառելով եկեղեցիները ու եկեղեցական սրբութիւնները, կողոպտելով եւ հրոյ ճարակ դարձնելով մագաղաթեայ թանկագին սպասները եւ ձեռագրերը։ Այդ դեռ բոլորը չէ։ Պատերի վրայ, թղթի կտորների վրայ, մի քանի տեղով գրուած ձգում է ձեռագրերի տեղը, «որ դրսից Աստուծոյ օգնութեամբ այց եկողները գտնեն եկեղեցւոյ սրբութիւնները, զորս պահած է անհաւատներու ձեռքէն»…

Հայի քաղաքակրթութիւնը այստեղ է։ Մեռնելու ժամանակ էլ, երբ գիտէ, որ ամբողջ աշխարհը տակնուվրայ պիտի լինի, նա փրկում է իր ձեռագիրները, որ ապագայ սերունդը չզրկուի հին քաղաքակրթութեան արդիւնքներից…

Մութը արդէն կոխելու վրայ է։ Պէտք է շտապել։ Շնորհակալութիւն եմ յայտնում պառաւին իր հիւրասիրութեան համար, եւ մեկնում ենք դէպի Ճանիկ։

Ճանիկում այն ժամանակ կանոնաւոր կազմակերպութիւն եւ գործադիր մարմին կար։ Շատ զգուշութեամբ մեզ ներս տարան, իսկոյն հիւրասիրեցին տաք թէյով եւ կաթով։ Շուտով գիւղի ամբողջ երիտասարդութիւնը թափուեց մեր գլխին։ Ճանիկ կառավարութեան կեդրոնատեղ լինելով, յեղափոխական գործիչները կամ խմբերն այդ ժամանակները ներս չէին մտնում։ Իմ մուտքը բացառութիւն էր․ ամէնքը ուրախացել էին եւ եկել ղաչաղ տեսնելու։

Ճանիկ մնալ վտանգաւոր էր։ Պէտք է անցնէինք ծովափը գտնուող Նորշէն գիւղը։ Այլ ելք չկար։ Պէտք էր Ճանիկով անցնէինք, որովհետեւ ձմեռային ճանապարհը այդ էր։ Գիշերով հազար ու մի նեղութեամբ, ընկնելով ու վեր կենալով, հազիւ հասանք գիւղ։ Մեզ նախ առաջնորդեցին մի ախոռ, ապա լուր եկաւ, որ գիւղի մէջ խումբ կար․ պէտք էր գնալ նոցա մօտ։ Հազիւ էինք չարուխներնիս հանել, մէկ էլ հազար նեղութեամբ պիտի հագնուէինք եւ խումբի մօտ գնայինք։

Խումբը Կարճկանի Սորփ գիւղացի Գուրգէնի խումբն էր․ զինուորները մեծ մասամբ մշեցի եւ ախլաթցի էին։

Սասունի ապստամբութեան անյաջողութեամբ Մշի շրջանի զինուորները եւ ամբողջ փախստականութիւնը անցել էին Վասպուրական։ Մի քանի հարիւր հոգի արդէն անցել էին Պարսկաստան, բայց մեծ թուով զինուորներ մնացել էին Վանի շրջանում, տեղական խմբերի մէջ մտնելով։

Ջաֆարը, ի հարկէ, ծանօթ էր թէ՛ խմբին եւ թէ՛ խմբապետին։ Իսկոյն թռաւ վերին ճակատը խմբապետի մօտ, մտաւ տաք թոնրի վրայ ձգուած վերմակի տակ եւ սկսեց իրական ու մտացածին նորութիւններ պատմել Պարսկաստանից եւ առհասարակ արտասահմանից։

Մեր դրած պայմանը իմ ինքնութիւնս ծածկելու մասին, ի հարկէ, շարունակւում էր նոյնիսկ հայկական գաւառում, Թիմարում, մեր թռուցիկ խումբի մօտ եւս։ Այդ Ջաֆարի հրամանն էր, պիտի ենթարկուէի։ Եւ ես լուռ ու մունջ նստած, վարը, դրան տակ, չոր գետնի վրայ, չէի էլ մտածում չարուխներս հանելու մասին․ իսկ Ջաֆարը սուսիկ֊փուսիկ ճաշում էր խումբի հետ, թոնրի վերի գլուխը։

Վերջապէս, չգիտեմ, ով հասկացրեց խմբապետին, որ ես էլ «պարոն» եմ, Գուրգէնը մօտեցաւ ինձ եւ հազար ներողութեամբ ինձ էլ վեր հրաւիրեց։

Գուրգէնէն խնդրում եմ, որ ինձ շուտ ուղարկի քաղաք։ Ճանապարհներին այնքան էի տառապել, էլ ոյժ չէր մնացել Թիմարի գիւղերում դեգերելու։ Եւ, պէտք է խոստովանել, Նոր Շէնից սկսած տպաւորութիւններս վատ էին։ Կարծես ուժով էր տարւում յեղափոխական աշխատանքը այս շրջանում։ Մի տեսակ զսպուած դժգոհութիւն կար գիւղացւոց դէմքերի վրայ, իսկ աւելի շատ անտարբեր վերաբերմունք։ Որեւէ հետաքրքրութիւն, որեւէ հարցասիրութիւն ես չտեսայ Նոր Շէնի եւ նրա կից մի քանի գիւղերում, որոնց անունները մոռացել եմ արդէն։

Միւս օրը գիշերով ճանապարհւում ենք դէպի Ալիւր։ Գուրգէնն ինձ պատիւ է անում խումբով ճամբելու։ Թէեւ իմ ծպտուած վիճակով եւ ձմեռուայ դժուարութիւններին աւելի յարմար էր ցերեկուայ ճանապարհորդութիւնը, բայց ասում են, որ գիւղերը վխտում են հարկահանները, եւ կարող եմ պատահականութեան զոհ երթալ։ Միշտ ենթարկւում եմ, ինչպէս «տեղական պայմաններին անծանօթ» նորեկները։

Բայց իմ կոյր բախտից այդ գիշեր բուք ու բորան եկաւ, եւ մենք հանդերձ խմբով Թիմարի դաշտային գաւառում մեր ճանապարհը կորցրինք։ Երկար ու բարակ նոյն կէտի շուրջ պտոյտներ անելով, լուսաբացին հասանք դարձեալ նոյն գիւղը (կարծեմ Ատէռ), որտեղից գիշերը հանգստանալուց վերջը մեկնել էինք։

Միւս երեկոյեան, վերջապէս, հասնում ենք Ալիւր, որ Թիմարի կեդրոնական ամենամեծ գիւղն է, աւելի քան 400 տուն զուտ հայ ազգաբնակչութեամբ։ Այնտեղ էր Թիմարի մեր կազմակերպութեան կեդրոնը։ Թիմարը այն ժամանակ ենթակոմիտէ էր իր բոլոր գիւղերով։ Ենթակոմիտէի բոլոր անդամները, եթէ չեմ սխալւում, ալիւրցի էին, — Պ․ Սարգիս, Պ․ Վարդան, (այսպէս էին նրանց ասում, անուան հետ Պարոն) երկու երիտասարդ ընկերներ՝ Աբիսողոմ, Տիգրան եւ ուրիշներ։

Ալիւրը կրթուած գիւղ է եղել միշտ․ ունէր հարուստ ընդարձակ հողեր եւ այգիներ, ուրախ, անհոգ ու քէֆչի ժողովուրդ եւ առատ գինի։ Վանեցիք ալիւրցու մասին առակի նման ասում են․— «Ալիւրցիք, քաղաք գալուց, իրենց կանանց հետ միասին մէյխանէ (գինետուն) կʼերթան խմելու»։

Ունին լաւ դպրոցներ, միշտ յարատեւող, որոնք կը պահուին գիւղի միջոցներով։ Բայց Ալիւրը կրթող եւ նրան շէնցնողը եղել է պանդուխտութիւնը։ Ալիւրցիք արհեստով յայտնի խոհարարներ են․ ինչպէս իրենք են ասում, «աշչի»։

Կ․ Պոլսոյ մէջ Սուլթանի պալատից սկսած, նախարարների, դեսպանատների, զանազան բէյերի եւ փաշաների, ինչպէս նաեւ հայ մեծատունների խոհարարները ալիւրցիք են։ Այդ է պատճառը, որ ալիւրցիք հագնւում են կոկ, եւ ճաշակով, մանաւանդ խօսում են Պոլսոյ կիրթ թուրքերէն եւ հայերէն լեզուով։

Մեծ դիւանագէտներ են։ Խաղաղ ժամանակը իրենց ճկուն խելքով ու լեզուով, մանաւանդ առատ գինիով, կարողանում են Վանի կուսակալների ու պաշտօնէութեան բարի ուշադրութիւնը եւ հովանաւորութիւնը գրաւել։ Բայց ամէն անգամ «պապին կարկանդակ չի ուտում»։ Ալիւրցիք 1915ին, Վանի ինքնապաշտպանութեան ժամանակ, զոհ գնացին իրենց այդ դիւանագիտութեան։

Բայց դառնանք մեր ճանապարհորդութեան։ Մենք պէտք է մտնէինք Ալիւր՝ անպայման, որովհետեւ Թիմարի շրջանի շրջիկ լիազօրը, ինչպէս անուանում էին այդ ժամանակ պրոպականտիստ կազմակերպիչներին, Հաջի Կարապետը այնտեղ էր։ Առանց Հաջիի կարգադրութեան թռչուն իսկ չէր թռչի Թիմարի վրայով։ Ամէնքը պիտի հանդիպէին նրան, նա պէտք էր ամէնքին ճամբու դնէր։

Հաջու մասին Ջաֆարը ինձ առասպելներ էր պատմել արդէն։ Նկարագրել էր խիստ եւ բռնակալ հակումներով մէկը։ Պատմել էր, որ ձեռքը մի ձեռնափայտ կայ, որի վրայ գրուած է․— «Գաւազան Արդարութեան», եւ որ Հաջիի Թիմար գալուց ի վեր գողութիւն, աւազակութիւն, անարդարութիւն եւ գուլում չեն կարողացել անել գիւղերի մէջ հայ տզրուկները, նոյնիսկ թուրք պաշտօնեաները։

Իմ Թիմար հասած օրերը Հաջիի փառքը իր գագաթնակէտին էր հասել։ Այդ օրերը պատահել էր մի զինուած ընդհարում վանեցի արմենականների հետ։

Բանը նրանումն է, որ Ալիւրի մէջ եղել են եւ արմենականներ (կարծեմ առաջ ամբողջ գիւղը արմենական է եղել)։ Վանի արմենական կոմիտէն զինուած խումբ է ուղարկում նրանց կազմակերպելու։ Հաջին, հակառակ լինելով մի գիւղում երկու կուսակցութեան գոյութեան, հրամայել է չմտնել գիւղ։ Արմենականները, ի հարկէ, կարեւորութիւն չեն տուել եւ փորձել են գիւղը մտնել։ Հաջին հրամայել է իր զինուորներին, որոնց մէջ կային եւ մշեցիներ, (որոնք չէին հանդուրժի, որ իրենց խմբապետի հրամանը չլսուի), զինու ուժով արգիլել արմենականների մուտքը։ Փոխադարձ հրացանաձգութիւն է լինում։

Սպաննւում է արմենականներից մի կամ երկու հոգի։ Վերջինները տեղի են տալիս, եւ դրանով հարցը փակւում է։

Հարցը փակւում է, ի հարկէ, յօգուտ Հաջիի, որի հռչակը առանց այդ էլ շատ էր տարածուել շրջանի գիւղերում, ուր ոչ միայն յեղափոխական կազմակերպական, այլեւ առտնին՝ դատական, նոյնիսկ ամուսնական անհամաձայնութեան, հասի չհասի հարցերի լուծումը իր վրայ էր վերցրել Հաջին։ Արմենականների դէմ եղած յաղթանակը աւելի անյաղթելի էր դարձրել Հաջիին։

Պէտք է խոստովանել, որ այս բոլոր պատմութիւնները ազդել էին եւ իմ վրայ։ Սարսափի պէս մի բան էր ընկել սիրտս։ Վախենում էի, որ մի անզգոյշ խօսք կամ բան ասէի եւ ես էլ արժանանայի «գաւազանի արդարութեան» շնորհքին։ Այնպէս որ առանձին ճիգ էի անում ինձ զգոյշ պահելու։

Ալիւր մտանք կէս գիշերին։ Խումբը մնաց մօտակայ գիւղը։ Երկու գիւղացի ինձ եւ Ջաֆարին առաջնորդեցին մի մեծ ցած տուն։ Կարծում էին, թէ Հաջիի կեցած տունը պիտի լինի։ Սխալուեցին սակայն․ ուրիշ պատահական տուն էր։

Մեզ իսկոյն շրջապատեցին գիւղի երիտասարդները, որոնք այդ գիշեր Հաջիի հետ քէֆի մէջ էին եւ չէին քնել դեռ։ Նստած անուշ զրոյց էինք անում, երբ յանկարծ փսփսուկ ընկաւ, թէ «Պ․ Հաջին կու գայ»։ Ամէնքը տեղերից վեր թռան, նրանց շարքին եւ Ջաֆարը։

Նոր նկատեցի, որ այդքան խրոխտացող Ջաֆարը խիստ վախենում էր Հաջիից։ Ես էլ թռայ տեղիցս։

Դռնից ներս մտաւ մի քանի մարդկանցով շրջապատուած կարճահասակ, ջղոտ ու եռանդուն շարջումներով մի մարդ, 50—55 տարեկանի երեւոյթով։ Դա էր,— Եդեսիա — Ուրֆացի Հաջի Կարապետը։ Ես յետոյ մօտից ծանօթացայ այս մարդու հետ․ նա մոլեռանդ հաւատացեալ էր յեղափոխութեան — Դաշնակցութեան։ Նոյնքան էլ մոլեռանդ հայ էր։ Եթէ կայ աշխարհիս մէջ «իսկական հայ մարդ» մէկը մեր Հաջին էր։

Նա իր բոլոր խոշոր ու մանր առաւելութիւնների ու թերութիւնների մէջ ունէր մի մեծ գիծ, անկեղծ ու անշահասէր էր գործի հանդէպ։

Հաջիին, ի հարկէ, ասել էին իմ գալու մասին։ Մօտեցաւ եւ հարցրեց․

Ո՞վ էք, ախպար…

Կովկասից կու գամ, Վան պիտի երթամ…

Յանձնարարական֊վկայական կամ նամակ ունի՞ք…

Ամբողջ ճանապարհին, շնորհիւ Ջաֆարի անսահման հեղինակութեան, մանաւանդ փչոցներին, ոչ ոք դեռ վկայական չէր ուզել։ Կարծեմ Վանքից նամակ էին տուել, ցոյց տուի…

Իսկոյն պիտի մեկնիք։ Հոստեղ վտանգաւոր է եւ աչքի զարնուած, շնորհիւ արմենականների ըրած խայտառակութեանց։

Թէեւ ամբողջ գիշեր քայլել էինք, խիստ յոգնած, մանաւանդ անքուն, բայց պէտք է համակերպէինք։ Մեզ տուին սուրհանդակներ եւ ուղարկեցին դէպի Մարմիտ գիւղ, քաղաքից (Վանից) մէկ կամ մէկուկէս ժամ հեռաւորութեան վրայ։

Դեռ լոյսը չբացուած հասնում ենք Մարմիտ։ Տաքանալու համար մեզ առաջնորդում են մի գոմ։ Ուտելու համար հաց ու պանիր են տալիս, իսկ մինչ այդ պատրաստութիւն են տեսնում մեզ ճամբու դնելու։ Ինձ հետ Ջաֆարը եւ Պստիկ գիւղացի Գէորգը, Խանասորի զինուոր։ Ալիւրից գրել էին, որ եկողը «պարոն» է, պէտք է զգուշութեամբ ճամբու դնել։

Մարմիտցիք եռանդ էին ցոյց տալիս ըստ ամենայնի Հաջիի կարգադրութիւնները կատարելու։

Դեռ չգիտէին, որ մեզանից որն է «պարոնը», կասկածը Պստիկ գիւղացի Գէորգի վրայ էր, որովհետեւ աւելի լաւ էր հագնուած, քան ես եւ Ջաֆարը։ Ուստի նրան առաջարկում էին, որ հագուստները փոխէ, հները հագնի, աչքի չզարնուելու համար։ Խեղճը համոզում էր, որ ինքը Պստիկ գիւղացի էր, բայց ոչ ոք չէր հաւատում…

Հարկ եղաւ համր լեզուս բանալ, որ հաւատան լեզուիցս։ Նոր կռահեցին, որ «պարոնը» ես եմ։ Երեւի վրայի հագուստս, այդքան օրերի տառապանքը, ձիւնի վառերը այնպէս էին արել ինձ, որ վրաս ուշադրութիւն հրաւիրելու շնորհք չէր մնացել։ Սրտիս մէջ ուրախ էի, որովհետեւ Վանքում երեսներս ու ձեռներս եփած թէյի ջրով շփելուց մեռել էի․ միշտ վախենում էին, թէ պիտի նկատուեմ։

Այստեղ մեզ իբրեւ փորձ առաջնորդ տուին մարմիտցիմեր հին երիտասարդ գործիչ Յունանին,— Մնջիկ կեղծ անունով։

Մարմիտցի Յունանը — Մնջիկը մի խումբ խեղճ գիւղացի էր, կարծեմ սակաւահող եւ քիչ երկրագործութեամբ պարապող։ Չգիտեմ նա արհեստով բրուտ֊կաւագո՞րծ էր թէ ոչ․ բայց գիտեմ, որ Վանի շուկայում եւ թաղերում իր խղճուկ իշով բեռցրած Կիրաշէնի (մի գիւղ Թիմարում, ուր ամանեղէն են պատրաստում կաւից) ամաններ էր ծախում։ Այդ արհեստը մեծապէս օգնում էր նրա յեղափոխական գործունէութեան։ Յունանը Ապաղայ֊Բերկրի֊Թիմար սուրհանդակային փոխադրութեան վերջին փոստն էր։

Յեղափոխական նամակներով ու գրականութեամբ ծանրաբեռնուած, իր ամանների հետ, Յունանի էշը կանգ էր առնում Այգեստանի հեռաւոր ու խուլ դռների առաջ «Աման առէք» կոչերով։ Պայմանաւորուած դուռը բացւում էր Յունանի առաջ, որը կաւէ ամանի փոխարէն մեզ էր բերում Ժընեւի «Դրօշակ»ը, Թիֆլիսի «Յառաջ»ը, Բոստոնի «Հայրենիք»ը, Փարիզի «Pro Armenia» եւայլն յեղափոխական թերթեր, ինչպէս նաեւ Փարիզի Սապահ Էդդինի եւ Ահմէտ Ռիզայի թուրքերէն յեղափոխական հրատարակութիւնները։

Ով որ Յունանի խեղճ ու ցնցոտիներով պատած արտաքինը տեսնէր, չէր կարող հաւատալ, թէ դրանց տակ մի զգայուն, անվախ, մանաւանդ հայրենասէր սիրտ կար։

Երբ առաջին անգամ Յունանը ընկաւ մեր առջեւ, բարի ու ծիծաղկոտ դէմքով դարձաւ ինձ եւ ասաց․

Բարի երթանք։

Այս նախադասութիւնն այնքան անկեղծ եւ ջերմ էր արտասանուած, թէեւ մէջը ըստ երեւոյթին մի մեծ միտք չկար, բայց համակեց ամբողջ էութիւնս, եւ ես սկսեցի խորհիլ։ — Եւ, իրօք, հարկաւոր էր «բարի երթ» ցանկանալ։

Մենք շուտով կը լինէինք Վանի պատմական բերդի տակ, ուր որսորդական շան նման շարուած էին թուրք ոստիկանները, մանաւանդ Հանրային Պարտուց Վարչութեան ծխախոտի խուզարկիչները, որոնք բոլոր կասկածելի անցորդներին խուզարկում են ու ապա ճամբայ դնում։

Յոնանը ճանապարհին պատմել էր բոլոր զգուշութիւնները եւ ձեւերը՝ միշտ սրտապնդելով, որ վախենալու բան չկայ․ «Քեզ պէս հազար յեղափոխական ընկեր եմ անցկացրել, պարոն․ մարախ (հոգ) չանես»

Ինչքան էլ Յունանի վերաբերմունքը ջերմ լինէր, բայց իմ դրութեան բացառիկութիւնը բաւական անհանգստացնում էր ինձ օտար եւ անծանօթ քաղաքի մէջ, ուր առաջին անգամն էի ընկնում, կարծես երկնքից, եւ ուր չգիտէի ոչ մի ուղղութիւն եւ ոչ մի ճամբայ։

Սառնարիւն մնալ անհնարին էր։

Յունանը երկար խօսել չէր կարող։ Բանուկ ճամբայ էր, — երթեւեկութիւնը՝ շատ կասկածելի, աչքերը՝ առատ։ Մանաւանդ, որ ինքը մի քանի քայլ առաջ էր, իսկ ես կոյրի պէս, կամ, ինչպէս ինքն էր ասում, հարսի պէս հետեւում էի նրան։

Պարո՛ն, հրէն Վարագայ լեռը… մեր տղաներաց ապաստանարանը։ Պարո՛ն, տե՛ս, Վանայ բերդը։ Ա՜խ, ե՞րբ պիտի հայու սուրբ դրօշը ծածանուի էն գլխուն…

Խե՜ղճ Յունան, հայու դրօշը քանի մը օր ծածանուեց էն գլխուն, բայց անիրաւ ճակատագիրը քեզ չարժանացրեց այդ օրուան…

Ի հարկէ, ես ոչ Վարագայ լերան մասին էի մտածում եւ ոչ էլ հայի դրօշակի, այլ շտապում էի, որքան կարելի է արագ, անցնել այդ խառնիճաղանճ ամբոխի միջից։

Պարոն Գէօ, Թաւրիզի դարդեախը։

Նայում եմ․ բերդի տակ մի մեծ դուռ է․ երեւի Թաւրիզի քարաւանը այդ դռնից է ներս մտնում։

Պարո՛ն, այս Հայկավանքն է։

Ոչինչ չեմ հասկանում։ Տներն այրուած են, միայն մնացորդ քանդուած մասն է մնում։ Յետոյ իմանում եմ, որ Հայկավանք կոչուածը քաղաքի թաղամասն է, որ 1896 թուին թուրքերը կոտորել եւ վառել են, եւ այնպէս էլ մնացել է կիսաւեր։

Հայկավանքի անկիւնում ինչ որ զինուորական շէնք կար, որի առաջ խռնուած էին զինուորներ։ Առաջին անգամն էի տեսնում այդքան մեծ քանակութեամբ թուրք զինուորներ, բաւական վայելուչ հագնուած ու զինուած։

Ինձ վրայ մեծ տպաւորութիւն թողին։ Կրծքերից դեղին պղնձէ բաներ էին կախուած, թիկնապահի զարդերով, երկարահասակ (այն ժամանակ գէթ երկարահասակ եւ վայելուչ էին երեւում)։ Մտքիս մէջ ասացի, սրանք կը լինին յեղափոխականներին հետապնդողները։ Յետոյ հասկացայ, որ նրանք «կանոն չաւուշի» են կոչւում, հասարակ զինուորներ են եւ պաշտօն ունին հսկելու, որ զինուորները, նոյնիսկ սպաները անկարգութիւններ — խմել, կռիւ, սկանտալ, թղթախաղ, սրճարան նստիլ եւայլն — չʼանեն։

Յունանը Այգեստանի նեղ ու ձիւնով լիքը խուլ ու մութ տեղերով, հազար պտոյտներ անելով Այգեստանի բոլորովին ծայրը, արեւելեան կողմը, Վարագայ դիմաց, մի դրան առջեւ կանգ առաւ…

Պարոն, հասանք «դրախտ» մայրիկի տունը։ Տղաները տան կʼըլնեն։ Բարով աւելի մեծ յաջողութիւններ եւ գործունէութիւն ունենաս։

Այս բառերը արտասանում էր այնպէս յուզուած, այնպէս անկեղծ, որ մարդ համակւում էր նրա սիրով։ Թէեւ սոսկալի յոգնած էի, մանաւանդ ուռած ոտներս այլեւս հրաժարւում էին յենարան լինել, բայց եւ այնպէս սրտիս խորքում մխիթարուած էի Յունանի խրախուսումների ազնիւ ոգւով։

Դուռը կամացուկ ծեծում ենք։ Երկար սպասումից յետոյ այս եւ այն կողմից ստուգում են, թէ ծեծողներն ովքե՞ր են։ Դուռը բանում է մի երիտասարդ բաւական համակրելի աղջիկ։

Յունան, դո՞ւ ես։ — Հա, ես եմ, Երան, նոր միսաֆիր եմ բերել։

Օրիորդը, առանց մեզ սպասելու, ներս վազեց։ Մենք ներս մտանք եւ դուռը փակեցինք։ Յունանը ծակ ու ծուկերի ծանօթ էր։ Առանց սպասելու ներս տարաւ։ Գնացինք ներքին յարկը։ Վերեւի յարկն ինչ որ անհանգիստ շարժումներ կային։ Չարուխներնիս հանեցինք եւ նստեցինք թոնրան գլխուն, վերջապէս, հանգստանալու յոյսով։ Բայց, յանկարծ, ներս մտաւ օրիորդը բղաւելով․

Էս խարամ (կեղտոտ) գիւղականներն ի՞նչ են նստել վերին գլուխը, ելէք դուրս, մայրիկս լեղկնայ պիտի։

Սուս ու փուս փօշ֊փօշման ելնում ենք ես եւ Յունանը։ Հազար զօռով նորից հագնում եմ չարուխներս դուրս գալու համար։

Լաւ է, Վանը եթէ ամէն բանով աղքաթ էր, բայց ձմեռը առատ լոյս եւ ջերմ արեւ ունի։ Ելանք ներսի կողմը, այգին եւ, մէջքերս տալով պատին, նստեցինք պատի տակ տաքանալու եւ բարի լոյսի սպասելու։

Երկար սպասեցինք, բայց բան դուրս չեկաւ։ Երեւի Յունանի «նոր միսաֆիր եմ բերել» խօսքը չլսեցին կամ չհասկացան։

Անդադար մարդիկ էին գալիս գնում, անշուշտ ամէնքը յեղափոխական կազմակերպական գործերով։ Յետոյ իմացայ, որ այս տունը մեր գլխաւոր կայարանն է եղել — «Դրախտ» կեղծ անունով։

«Դրախտ»ին դեռ կը դառնանք։ Անցնինք մեր անել կացութեան։ Համբերութիւնն էլ սահման ունի։ Կանչում եմ տղաներից մէկին, խնդրում եմ մատիտ եւ թուղթ տալ Կոմսին նամակ գրելու եւ յայտնելու գալուս մասին։

Նոր են գլխի ընկնում, որ եկողը գիւղացի եւ պատահական մարդ չէ, մանաւանդ երբ նամակը կարդում են։ Բաց նամակ էի գրել․ «Սիրելի Կո՛մս, եկել եմ․ մարդ ուղարկիր, տար մօտդ, կամ կարգադրութիւն արա, որ տեղաւորեն…»։

Նրանք զարմացել էին, որ ես ուղղակի սիրելի էի գրել եւ ոչ պարոն։ Կը նշանակէ այս էլ նրան հաւասար մարդ է։ Սկսեցին իրար խառնուիլ եւ մեզ ներս առնել, իսկ մինչ այդ՝ Կոմսից մարդ եկաւ մեզ տանելու։

Կոմսը հեռու չէր գտնւում այդ օրը։ Մենք Փաշի Փողանի մէջ էինք, իսկ նա Չաղլի Փողան Ալամկալամեան Ջոջ Աղայենց տանը։ Մեզ ուղարկեցին Կոմսի մօտ։

✻✻✻

Հրաժեշտ եմ տալիս Յունանին եւ ուղղւում դէպի Կոմսը։ Տեղը հեռու չէ, բարեբախտաբար․ շուտով հասնում ենք։ Ներս ենք մտնում փողոցի դռնով, որը բացում է իմ առաջնորդը իր գրպանից հանուած բանալիով։ Յետոյ իմացայ, որ մեր տղաների գրպանները լիքն են բանալիներով, այս կամ այն դուռը հեշտութեամբ բանալու համար ցերեկուայ, մանաւանդ գիշերուայ անակնկալների պարագային։

Ալամկալամեան ջոջ աղայի տունը Փաղլի փողոցի գլուխ մի համեստ տուն է։ Ջոջ[3] աղան մեր երիտասարդ, լաւ ու կտրիճ ընկերներիցն էր, բանտ նստած, արհեստով ոսկերիչ։

Կոմսը վերին յարկն էր։ Երբ պիտի բարձրանայինք վեր, ջոջ աղայի ծերունի մայրը պոռաց․ «Սա խարամ գիւղականները պէտք է մունառեն թարանջաները (կեղտոտեն սանդուխները)»։

Պէտք է խոստովանիլ, որ իրօք շատ մաքուր էին սանդուխները։ Ես յետոյ՝ նկատեցի։ Վանեցիք իրենց ոտնամանները հանում են սանդուխների տակ ու մինակ գուլպաներով են ելումուտ անում։ Հարուստները ներսի համար սովորական սանդալներ էին հագնում։

Այս սովորութիւնը, երեւի, թուրքական է, որպէսզի նամազ անելիք տեղը չկեղտոտուի դրսի կեղտերով։ Նոյն սովորութիւնը կայ նոյնիսկ կառավարական հիմնարկութիւնների մէջ։

Երեւի այս մաքրասիրութեան համար էր, որ այն ժամանակ Վանում գործածւում էր «կալօշ֊փօթին» — կօշիկ — կրկնակօշիկով, որ հագնում էին եւ ամառը, անխտիր թէ կանայք եւ թէ տղամարդիկ։ Տուն մտնելու ժամանակ, սանդուխների տակ հանում են կրկնակօշիկները եւ կօշիկներով ներս մտնում։

Կոմսի հետ սովորական նոր հանդիպումի արարողութիւններ ու խօսակցութիւններ կատարելուց յետոյ, շտապում եմ հանել վրայիս գիւղական ցնցոտիները։ Տակից հագած ունէի իմ սիվիլ հագուստներս, բացի ժակէտից եւ կօշիկներից, որ ինձ ուղեկցողները կրում էին իրենց տոպրակների մէջ։ Իսկոյն հագնուելուց եւ լուացուելուց յետոյ նոր անցնում ենք իսկական նորութիւններին։ Այդ ժամանակ ներս է գալիս պառաւը՝ փնթփնթալով եւ հարցնում է Կոմսին․

Պ․ Բժիշկ, ո՞ւր մնաց ան խարամ գիւղականը, խարամեց թարանջաները…

Մայրիկ, գէօ գեղականը այս թազա պարոնն է։ Խնդրեմ ծանօթանաս…

Քեա՛, քօռանամ, դուք ալ ինչխ կʼայլակերպուէք ան խարամ խալւներաց մէջ․ ո՞վ կʼըսէր, թէ այս սըրսուփ մարդը այն խարամ գիւղականն էր, մեղա՜յ քեզ, Աստուած…

Մայրիկ, այդ բոլորը թո՛ղ․ պարոնը անօթի է․ բան մը ունի՞ս․ բե՛ր թող ուստի, շուտով թէյ էլ կʼունենանք…

Թէեւ անօթի էի, բայց այս բոլոր նորութիւնները եւ այսքան էժան Վան ընկնելս մի տեսակ յագեցում էին տուել ինձ։ Ուտելու ժամանակ չէր։ Նորութիւններ էի պատմում եւ նորութիւններ լսում։ Հարցրի Իշխանի եւ միւս ընկերների մասին։ Նրանք էլ ուրիշ տուն են եղել։ Երեկոյեան պիտի պատահէինք իրար, որովհետեւ միջկուսակցական ժողով կար։

Միասին պիտի գնանք ժողով․ այս լաւ է, քեզ էլ հետներս կը տանինք, — ասաց Վահանը (Կոմսը)։

Կոմսը մենակ էր։ Բայց սենեակի մի անկիւնում դրուած էին 5֊6 հրացաններ․ երեւի զինուորները վարը կամ միւս սենեակումն էին։ Սենեակը շատ անպաճոյճ էր․ յատակը հող․ գետնի վրայ, այն էլ միայն սենեակի վերին կէսը փռուած էր խսիր, վրայից՝ կապերտ․ պատերի տակ շարուած էին բազմոցներ, վրան նստելու եւ բարձերին յենուելու համար։

Կոմսը նստած էր գետին, պատուհանի մօտիկ, առաջը մի փոքր աթոռ, վրան լիքը թղթերով, նամակներով, մեծ մասամբ մանր թղթերի վրայ գրուած եւ մանր ծրարների մէջ — երեւի դիւրութեամբ տեղաւորելու համար։ Աչքի էր զարնում եւ մի ուրիշ բան․ բոլորը համարեա գրուած էր կարմիր մելանով։ Կոմսը արագ֊արագ գրում էր, կարդում, նօթ առնում իր փոքրիկ յուշատետրի մէջ եւ մի քանիսին էլ իսկոյն պատասխանում։

Վարը կանգնած 2֊3 պատանիներ կային 12֊14 տարեկան․ ինձ բերողն էլ նրանց մէջն էր․ ես նրան յետոյ ճանաչեցի։ Մի շատ մաքուր գաղափարական տղայ էր, անունը Պօղոս՝ Քոթոթ կեղծ անունով, յետոյ դարձաւ Քոթոթ֊Պօղոս․ կեղծ եւ իսկական անուններն իրար խառնուել էին։ Գրուած նամակները որոշ հրահանգներով երկուսը տարան․ իսկ մէկը սպասում էր նոր հրահանգի։

Առաջին տպաւորութիւնս հրաշալի էր․ գործը՝ մեքենայի պէս լարուած։ Այդ պատանիների դերը գործակատարութիւն էր․ ցրուիչի դեր էին կատարում, գրուած նամակները հասցնում էին ըստ պատկանելւոյն եւ, գաւառներից, քաղաքից, խմբերից եւ այլ տեղերից եկած նամակները հաւաքելով, բերում էին կոմիտէի ներկայացուցչին, ներկայ դէպքում՝ Կոմսին։ Յետոյ ծանօթացայ, որ այդ յարաբերութեան գործը մի բարդ մեքենայ էր եղել, որ ունեցել է իր յատուկ կեդրոնները, փոխադրողները, ժամադրավայրը, յատուկ նշանները եւայլն…

Ինչպէս ասացի, Կոմսը յայտնեց, որ գիշերը միջկուսակցական ժողով կայ։ Ես լսել էի, որ Վանը կուսակցութիւններով, մանաւանդ կուսակցական կռիւներով հարուստ երկիր է։ Ինձ մինչեւ անգամ զգուշացրել էին արտասահման, մանաւանդ Ատրպատական, որովհետեւ կուսակցական պայքարը շատ անգամ հասնում էր մատնութեան։

Ճիշդ է, Վանում հանդիպեցի կուսակցութիւնների, բայց ոչ այնքան ուժեղ, որքան լսել էի։ Հանդիպեցի, ճիշտ է, եւ կրքոտ կռիւների, որոնցից շատերը արիւնով վերջացան։ Բայց, պէտք է խոստովանիլ, որ ես կուսակցական մատնութիւնների չհանդիպեցի, բարեբախտաբար։

Վանում կար երեք կուսակցութիւն, Հ․ Յ․ Դաշնակցութիւն, որը լայն կազմակերպութիւն ունէր ամէն կողմ եւ ուժեղ էր մանաւանդ գաւառում։ Արմենականներ՝ աւանդութիւններով ապրող մի հոսանք, անցեալ ունեցող, առանց ներկայ իրական հիմքերի, առանց ղեկավար սկզբունքների եւ միջոցների։ Եւ Հնչակեաններ, որ մի քանի անհատներից կազմուած մի մասնաւոր խմբակ էր։ Եւ զարմանալին այն էր, որ մեր միջոցներով ու մեր ընկերների բարեհաճ համաձայնութեամբ եւ տրուած դիւրութիւններով էր ներս եկել նրանց մի նոր ներկայացուցիչը, ինձանից միայն մի երկու ամիս առաջ, Աշոտ անունով մի պարոն, չգիտեմ Պոլսեցի՞ թէ Տրապիզոնցի։

Երեկոյեան դէմ տղաները հաւաքուեցին։ Կոմսը ինձ ներկայացնում է ընկերներին — Թորգոմ֊Թէոս, Ալէս, Արմենակ — մի սուրբ երրորդութիւն, որոնց դեռ շատ կը հանդիպինք։ Սրանք այն ժամանակուայ Կեդրոնական Կոմիտէի ընկերներն էին, երեքն էլ փախստական՝ յեղափոխական գործով։ Դրանք Վանի կազմակերպութեան սիւներն էին՝ անդաւաճան եւ հաւատարինմ։

Շուտով եկաւ եւ Իշխանը կառկառցիներից, մոկացիներից, ոզմցիներից եւ շատախցիներից կազմուած իր խմբով։ Համբոյր, կատակ, փոքրիկ վերյիշումներ մօտիկ անցեալից, մի քանի ղարաբաղցիական հանաքներ… Իշխանի հետ ես դպրոցական ծանօթ էի․ նա ինձանից 3֊4 տարով ցածր էր․ ես եմ նրան առաջին անգամ յեղափոխական խմբի մէջ մտցրել։ Նրանց խմբի հետ ես էի պարապում։ Մենք նոյն յեղափոխական դպրոցն ենք անցել, իսկ մեր հայրենակցութիւնն ու նախկին ծանօթութիւնը մեծ բան էր այս հեռաւոր եւ օտար հորիզոնի տակ։ Միակ հին ծանօթս նա էր․ երեւի նրա համար էլ ես էի․ ուստի շատ մտերմացանք եւ շուտով բացուեցին մեր սրտի դռները իրար առջեւ…

Այդ ժամանակ Վան էր եւ Տիգրանը, Կողբեցի Յարութիւնը, որ յետոյ Վարդան կեղծ անունով Մշոյ շրջանն անցաւ Ռուբէնի հետ եւ նահատակուեց Սասունի վերջին կռիւների ժամանակ։ Այդ գիշեր նրան տեսայ։ Յետոյ իմացայ, որ ընկերական փոքրիկ կռիւներ եւ թիւրիմացութիւններ էին եղել․ նա չեզոքացուածի պէս էր։ Վան էր եւ մեր Քեռին․ նրան էլ տեսայ միւս օրը Տիգրանի մօտ։

Վերջապէս, բաւական մի ստուար խմբակ, երեւի, բոլոր աչքի ընկնող զինուորներով շրջապատուած՝ գնում ենք ժողովի։ Հաւանաբար, այս էլ կուսակցական տեսակէտով ազդեցութիւն ունենալու մի ձեւ էր։

Իմ ժողովի գնալս, մանաւանդ, ընկերների առաջարկելուց յետոյ թուաց շատ անհեռատես եւ թեթեւ քայլ։ Մի կողմ թողած այն, որ երկու շաբաթուայ ճանապարհորդութիւնը ջարդել էր ինձ, ոտներս ուռած, տկար, աչքերս ձիւնահար, յոգնած վիճակով ի՞նչ ժողով պիտի գնայի։ Կամ ընկերները եւ ես մոռացել էինք գլխաւորը, որ այդպիսի մի լայն եւ զանազան խաւերի ներկայացուցիչներից կազմուած ժողովին իմ ներկայութիւնը, մասնակցութիւնը, խօսիլը, առիթ պիտի տար, որ իմ Վան մտնելը յայտնի դառնար, կառավարութեան ականջն ընկնէր եւ աւելորդ հետապնդումների պատճառ դառնար։ Այդպէս էլ եղաւ։

Ժողովը գումարուած էր Խանիկեանենց փողոցը, Տիգրան Միրախորեանենց տանը։ Ներկայ էին Գրիգոր Աճէմեան, Կուլօղլեան, Համազասպ Բաղէշցեան, Ղեւոնդ Մելօեան, — բոլորն էլ Կեդրոնական Հայկազեանց դպրոցի ուսուցիչներ եւ Կաքաւեան Յարութիւն։ Սրանք բոլոր արմենականներ էին․ հնչակեաններից կար Հաջի Յակոբը եւ վերոյիշեալ Աշոտը։

Ժողովը փոխադարձ համաձայնութեան գալու, համերաշխ գործերու համար էր։ Իսկ այս քայլի պատճառը, ի միասին գալով համերաշխութեան մասին խօսիլը՝ կապուած էր մի ուրիշ խնդրի հետ։

Հէնց նոյն ժողովի մէջ պարզուեց ինձ համար, որ Վանի մէջ երեւի եւ գաւառի կեդրոնական վայրերում դպրոցական գործի ամբողջ ղեկավարութիւնը գտնւում էր արմենականների ձեռքում։ 1903֊1904ի ուսումնական տարուայ սկզբում Վանում եղել է 8 հատ արական եւ 5 հատ իգական ազգային վարժարան, ուր սովորում էին 1150 աշակերտ եւ 710 աշակերտուհիներ։

Բողոքական եւ կաթոլիկ միսիոնարներն ունէին երկու սեռի 5 վարժարան, ուր սովորում էին 430 մանչ եւ 380 աղջիկ։ Ազգային որբանոցներում կային 240 երկսեռ որբեր, իսկ օտար որբանոցներում 440 երկսեռ որբեր։ Ազգ․ եւ օտար վարժարաններն ունէին ընդամէնը 92 ուսուցիչ֊ուսուցչուհի եւ 3310 երկսեռ աշակերտութիւն։

Ինչպէս վերն ասացի, արմենականները ոչ այն ժամանակ եւ ոչ էլ յետոյ մշակուած ծրագիր ու գործունէութիւն չունէին։ Բայց պէտք է խոստովանիլ, որ մտաւորականութիւնը նրանց կողմն էր․ ուսուցչութիւնը, մանաւանդ պատրաստուած ու ղեկավար տարրը նրանցիցն էին։

Արմենակութիւնը կրօնական աղանդի պէս մի բան էր Վանում այն ժամանակները՝ տոգորուած խիստ ու մոլեռանդ հայրենասիրութեամբ՝ այդ հայրենիքը առաւելապէս Վանը հասկանալու պայմանով։

Եւ զարմանալին այն էր, որ արմենականները կարողանում էին Վանից իրենց ազդեցութիւնը տարածել եւ արտասահման եղած միմիայն վանեցի հայրենակիցների վրայ։ Օրինակ, նրանք փոքրիկ շրջանակներ ունէին Սալմաստ, երեւի աւելի լայն՝ Ամերիկա։

Ամենազարմանալին այն էր, որ Գէորգեան Ճեմարանի վանեցի աշակերտների մեծամասնութիւնը արմենական էր։ Այնտեղ էլ կար ուժեղ խմբակ 1900ական թուականներին։ Այդ խմբակի անդամների մեծ մասը մտաւ Երկիր, եւ լաւագոյն տարրերը յարեցան Հ․ Յ․ Դաշնակցութեան, — Համազասպ Բաղէշցեան, Ղեւոնդ Մելոյեան, Միհրան Թէրլէմեղէզեան, Տաճատ Վարդապետ, Արամ Շալչեան, Հայկակ Կոսոյեան, Արսէն Հացագործեան եւայլն։

Այդ ժամանակ հիմնել էին, բոլոր թաղականների եւ դպրոցական գործի ղեկավարների փոխադարձ համաձայնութեամբ, մի կեդրոնական դպրոց՝ Հայկազեան կոչուած, որը պիտի բռնէր Փորթուգալեանի «Վարդապետանոց»ի տեղը։ Ահա հէնց այս դպրոցն է եղել, իրար մօտ գալու գլխաւոր առիթը։ Դպրոցը մի հիմնական դրամագլուխով ապահովելու մտադրութեամբ վանեցի հարուստները յաջողել էին ժամանակի թոյլ եւ բարի կուսակալ՝ Թահիր փաշայի համաձայնութեամբ եւ իրենց քիւրտ բարեկամների աջակցութեամբ Կովկաս ուղարկել Պ․ Պ․ Գրիգոր Աջէմեանին, Արմենակ Վուվունիկեանին եւ Աբրահամ Ազնաւուրեանին, որոնք Հայրիկին ներկայանալով՝ նրա կողմից էլ թուղթ էին վերցրել Բագու եւ Թիֆլիս հայկական շրջաններին դիմելու համար։

Կովկասում այն ժամանակ եկեղեցական դէպքերի օրեր էին, 1903֊1904ին։ Դաշնակցութեան ուժեղ ժամանակն էր, երբ Բագու հարկ էր լինում դիմել մերոնց աջակցութեան։ Մերոնք մի պայմանով են համաձայնում աջակցել, եթէ Վանի մեր ընկերները վկայեն, թէ իրօք դրամը դպրոցական գործի համար է եւ եկողները վստահելի մարդիկ են։

Արմենականները Կովկասում, ուրեմն, հասկացել էին Դաշնակցութեան ոյժը եւ ստիպուած էին հաշուի առնել ե՛ւ նրա հեղինակութիւնը Վանի հասարակական֊մշակութային գործերի մէջ…

Այս գիշերուայ ժողովի մէջ դպրոցական խնդիրներ չկային․ քննւում էին յեղափոխական կուսակցութիւնների ծրագիրն եւ գործելակերպին վերաբերեալ ընդհանուր հարցեր։ Հնչականները ճառում էին իրեն սոց․ դեմոկրատական ծրագրի առաւելութեանց մասին։ Արմենականները շատ երկար եւ, պէտք է ասել, համոզիչ կերպով պատճառաբանում էին, որ դեռ ժողովուրդը պատրաստ չէ յեղափոխական գաղափարների համար եւ որ նախ պէտք է ժողովուրդը պատրաստել դպրոցով, խաղաղ միջոցներով եւ ապա միայն մտածել յեղափոխութեան մասին։

Մերոնք պնդում էին, որ խաղաղ֊մշակութային զարգացում հնարաւոր է միայն այն երկրներում, ուր որ կայ կեանքի, գոյքի ապահովութիւն, իսկ Թուրքիոյ պէս պետութեան մէջ, ուր տեղի է ունենում կոտորած, ալան֊թալան, պատուոյ բռնաբարում, սեփականութեան յափշտակում, երթեւեկութեան արգելք եւ ամէն կարգի սահմանափակումներ, նորմալ կեանքի, ինչպէս եւ կուլտուրական աշխատանքի հնարաւորութիւն չկայ։ Գալով յեղափոխութեան՝ մերոնք պնդում էին, որ յեղափոխութիւնը միայն գիտակցութեան բերելով չի լինի։ Կեանքը ինքնին, կառավարութեան հալածանքները եւ ճնշումները յեղափոխական ըմբոստութեան ոգին են ամբարում, աներեւոյթ ձեռքով, ժողովրդի հոգու մէջ։ Միայն պէտք է նրան կազմակերպել, ուղղութիւն տալ, հրահրել, որ արթնանայ, զինուի, վարժուի։ Մերոնք չէին ժխտում սակայն նաեւ խաղաղ մշակութային֊հասարակական աշխատանքի արժէքը, հէնց իբրեւ կարեւոր օժանդակութիւն, յեղափոխական, մարտական եւ քաղաքական գործունէութեան համար։

Վիճում էին անընդհատ։ Երեկոյեան սկսեցին մինչեւ առաւօտ, սակայն չվերջացաւ։ Լուսաբացի մօտ քաղաացիները շտապեցին արագ֊արագ հեռանալ, մեզ՝ փախստականներիս թողնելով մենակ։ Ես չեմ յիշում, թէ ի՞նչ միջամտութիւն կամ խօսակցութիւն ունեցայ։ Երեւում է, որ բաւական տաք էի խօսել։ Բնական էր, որովհետեւ Կովկասի յեղափոխական ալիքների ազդեցութիւնը վրաս էր դեռ։

Միւս օրն իմացել էին արդէն, որ նոր պարոն է եկել դաշնակցականների մօտ… Հետաքրքիրը այդ չէ․ ժողովը վերջանալուց առաջ, ես քնել էի հէնց այն նստարանի վրայ, ուր նստած էի, յոգնած՝ ճանապարհների նեղութիւններից։ Երեւի, վաղուց էի քնել, որովհետեւ, երբ առաւօտուն տան տէրը արթնացրեց եւ թէյի հրաւիրեց, զգացի, որ բաւական քնել եմ։ Այս թէյն էլ տարօրինակ է․ դեռ մութ՝ թէյ են պատրաստել․ հետն էլ ուտելիք, պիտի խմենք, ուտենք ու մեկնինք։ Այսքան մարդ երբ իմացել են մեր տեղը, մնալը, ի հարկէ, անկարելի էր։

Առաւօտ վաղ դուրս ենք գալիս փողոց՝ կամաց֊կամաց, ամենայն զգուշութեամբ, նոյնիսկ շունչ առնելու համար զգուշաւոր։

Հեռուից լսւում է «կոչնակ»ի[4] ձայնը։ Ժամկոչ է… Ես այդ գիտէի․ Թուրքիայում քրիստոնեայ հաւատացեալներին եկեղեցի հրաւիրելու համար զանգակ գործածելու իրաւունք չկար, այլ «կոչնակ» էին զարնում, որի ձայնը թոյլ է եւ մնում է նոյն փողոցի մէջ։ Այս ոչինչ․ տարօրինակն այն էր, որ կոչնակ զարնողը ամուր զարկում էր ե՛ւ բոլոր դռները ժողովրդին արթնացնելու եւ ժամ հրաւիրելու համար։

Ինձ համար աւելի տարօրինակ էր ժամհարի երգը «կոչնակ»ի հետ։ Եւ ի՜նչ անուշ երգում էր ինչ որ եկեղեցական մեղեդի, այս գիշերային լռութեան մէջ, Այգեստանի ծառախիտ ու մութ փողոցներում, որոնց լռութիւնը խանգարում են միմիայն առուների վազող քրքջացող ջրերը… Մարդու վրայ կրօնական ջերմեռանդութիւն է իջնում։ Երգը երկար վայելելու համար մեր քայլերը դանդաղեցնում ենք։ Խեղճ ժամհարը մեզ չի տեսնում եւ մեր քայլերի ձայնը անկարող է լսել․ այնքա՜ն զգոյշ ենք քայլում։

Բայց, վերջապէս, իրար դէմ ենք դուրս գալիս։ Զինուած անծանօթ եւ վտանգաւոր մարդկանց յանկարծակի հանդիպումը ժամհարին շփոթեցնում է, եւ մեղեդին մնում է կիսատ կոկորդի մէջ։ Սրտապնդում ենք եւ հրահանգում, որ շարունակէ, որպէսզի ուշադրութեան չարժանանայ նրա յանկարծակի լռութիւնը, իսկ մենք շտապով քայլում ենք։ Այդ օրը Իշխանի հետ գնում ենք այն խմբի մօտ, ուր Տիգրանն է ու Քեռին։

Տիգրանը Կողբեցի է, Ներսէսեան դպրոցաւարտ․ Երկիր էր մտել ինձնից 2֊3 ամիս առաջ Վարդան֊Շահպազի խմբի հետ։ Առաջ աշխատում էր Թաւրիզի կազմակերպութեան մէջ, կարծեմ այնտեղ ուսուցչութիւն թէ մի այլ պաշտօն ունէր։ Լաւ հաշուապահ էր։

Տիգրանը երեկոյեան ժողովում չկար։ Նրա բացակայութիւնը ինձ զարմացրեց, որովհետեւ եթէ ես եկած օրս կարող էի ժողովի գնալ, առաւել եւս նա։ Իշխանին հարցրի պատճառը։ Պատասխանեց, որ ընկերական ներքին կռիւներ կան․ Կոմսի եւ Տիգրանի յարաբերութիւնները լարուած են, իրար հետ չեն խօսում․ որ Տիգրանին խճճել են «ի մէջ զինուորաց», իսկ դա Վանի փախստական լեզուով կը նշանակէ պատուաւոր աքսոր։ Յետոյ իմացայ, որ կայ աւելի վատ պատիժ, երբ իրական յանցաւորներն քշւում են անապատները՝ Լիմ կամ Կտուց, «վասն ի քաւութիւն մեղաց» ճգնելու համար։

Տիգրանին, ինչպէս եւ Քեռուն, պատահում էի առաջին անգամ։

Տիգրանը միջահասակ, շէկ, ռուսական միրուքով, դալուկ ու ջղային դէմքով մի երիտասարդ էր, երեւի հազիւ 24֊25 տարեկան։ Առաջին տպաւորութիւնը խիստ է․ կասկածոտ ու քննական հայեացքով մօտենում է մարդու։

Քեռին, ընդհակառակը, կարծես հին ծանօթներ ենք։

«Օղլում, արի տեսնենք, ի՞նչ կայ, ինչ չկայ։ Կʼըսեն՝ դուն ալ Ղարսէն կը գաս, ճի՞շդ է։ Ի՞նչ կʼընեն տղաքը, աղէ՞կ են։ Մերոնց, Անդրանիկ, Մուրատ, Սեպուհ ո՞ւր տեսար»…

Ամէն բան պատմում եմ․— Այո՛, Կովկաս են, մտադիր են գարնան դառնալ։ Ինձ պատուիրեցին, որ Վանք ու Սալմաստ խօսիմ, որ իրենց հրացանները պահեն, ուրիշների չտան։

Եթէ գալու են, ինչո՞ւ գնացին։ Գալու պէտք չկայ․ գարնան ես ալ կʼերթամ։ Հիմա մեզի յարմար գործ չկայ։ Երիտասարդ եւ կրթուած մարդիկ են հարկաւոր ժողովրդին կազմակերպելու եւ պատրաստելու համար։ Մեր ներկայութիւնը միայն աղմուկ կը ձգէ։

Խօսակցութիւնը բաւական երկար տեւեց։ Բայց ես շտապում էի իմանալ Տիգրանի պատմութիւնը։ Այդ հետաքրքիր էր ինձ համար․ ես էլ պիտի այդ մթնոլորտում ապրէի։ Վանի մասին արդէն լաւ բաներ քիչ էի լսել, վախի պէս մի բան կար սրտիս մէջ։ Տիգրանի չեզոքացումը աւելի վախեցրեց ինձ։

Տիգրանը եւ Իշխանը պատմում են իրենց եւ Կոմսի փոխ֊յարաբերութեան մասին։ Գլխաւոր մեղադրանքն այն է, որ Կոմսը ինքնագլուխ է գործում, շատ է ենթակայ վանեցի տեղացի տղաներին, որոնք այնքան էլ ձեռնհաս չեն յեղափոխական կազմակերպական գործերի մէջ․ որ, թերեւս, վերջինները միայն յենարան էին Կոմսի համար ինքնագլուխ գործելու, որովհետեւ Կեդրոնական Կոմիտէի մէջ նրանք մեծամասնութիւն էին եւ ամէն բան անցնում էր Կոմսի ցանկացած ձեւով։

Իշխանը պատմում է, որ Կոմսը իր ինքնագլուխ եւ անտակտ շարժումով քիչ էր մնացել, որ իրեն եւ իր շրջանի ժողովրդին փորձանքի մէջ ձգէր։ Նամակով յայտնել է, որ Կ․ Կոմիտէն որոշել է յարձակում գործել Ոստանի վրայ, ուստի կարգադրել է, որ Իշխանը այն կողմից իր զինուած ոյժերով յարձակուի, իսկ ինքը՝ այս։ Նոյնիսկ Այսէն Վարդապետի տեռորը, որի յանցաւորութեան մասին ինքն էլ չի կասկածում, արել են առանց իր մասնակցութեան եւ հրամայել են, որ ի կատար ածի Իշխանը։

Ինչպէս յայտնի է, Իշխանը խումբով մտել է Աղթամար եւ սպաննել Արսէն Վարդապետին, իսկ առաջին հրամանը չի կատարել, համարելով անգործնական եւ չափազանց վնասակար։ Էլի շատ բան պատմեցին․ բայց լաւ յիշում եմ, որ նշանաւոր ոչինչ չկար։

Իմ տպաւորութիւններս այն էին, որ բնաւորութեան հարց էր, մանաւանդ փախստականի փակ ու ջղային կեանքը, ամէն օր իրար մօտ լինելը, իրար երես տեսնելը, ամենալաւ ընկերներն անգամ կարող էր իրարից պաղեցնել։

Ի միջի այլոց, յետոյ ես նկատեցի, որ երկար իրար հետ ապրելով, վերջերը մեքենայաբար, ցերեկները աշխատելու ժամանակ, իրար հակառակ, մէջքի կողմով էինք նստում զատ֊զատ եւ աշխատում։

Վերջը, երբ ես Տիգրանին մօտից ծանօթացայ, ինքս զգացի, որ նա այդ կեանքին յարմար մարդ չէր։ Նա մի մարդ էր, որ անչափ մաքուր, մանկական միամտութիւն եւ չտեսնուած գաղափարականութիւն ունէր։ Հաշիւների մէջ մի քանի կոպէկի, 10֊20 փարայի տարբերութիւնը ժամերի խօսակցութեան առարկայ էր լինում։ Մեր գանձապահը, ծախսարարը, հաշուապահը ինքն էր․ շատ անգամ տեսել ես, որ ամբողջ օրը տանջուել է թիւեր գրելով եւ ջնջելով՝ մի քանի ղրուշի սխալ գտնելու համար։

Ամէն բան իր սրտին մօտիկ էր համարում, ամէն բան նկատողութեան արժանի, իսկ այդ արդէն անհանդուրժելի էր այդ պայմաններում։ Մեզ մօտ այն ժամանակ հասկացողութիւնների եւ սովորոյթների բացարձակ Բաբելոն էր։ Տաճկական ռէժիմը իր բացասական գիծերով որոշ կնիք էր դրել տեղացիների բնաւորութեան վրայ։ Մենք՝ դրսեցիներս, բերել էինք ուրիշ բարքեր։ Մեր մէջ կային մարդիկ Ամերիկայից, Բալկաններից, Պոլսից, Կովկասից, Պարսկաստանից, նոյնիսկ Հնդկաստանից, — գիւղացի, քաղաքացի, արհեստաւոր, կրթութիւն ստացած ու չստացած, ինչպէս նաեւ հայեր, քրտեր, թուրքեր ու ասորիներ։ Կարճ՝ ամէն լեզու եւ ամէն ազգ իր ներկայացուցիչն ունէր մեր մէջ։ Եւ դրանց համար ընդհանուր լեզու ստեղծելը շատ դժուար էր։

Բայց նախ քան այդ՝ պէտք է ծանօթանալ, թէ յեղափոխական գործիչներն ի՞նչպէս էին ապրում Վանում։

Երկու տիպի յեղափոխական գործիչներ կային Վանում, նոյնը եւ Երկրի միւս մասերում։

Մէկը լեգալ, որ ապրում էր տանը, գնում էր իր աշխատանքին եւ միեւնոյն ժամանակ գաղտնի կառավարութիւնից, ժողովուրդից, շատ անգամ իրենց տնից, պատկանում էր մի որեւէ կուսակցութեան։ Դրանք ցերեկը խաղաղ հպատակներ էին Սուլթանի, իսկ գիշերը զինուած կամ անզէն ֆէտայիներ։ Զինուած խմբեր էին փախցնում, ինչպէս եւ զէնքի, պրոպականտի եւ կազմակերպական ժողովների էին գնում, բազմաթիւ կուսակցական պարտականութիւններ էին կատարում։ Իրենց գիշերային աշխատանքները կատարելուց վերջ, յետոյ առաւօտեան շատ վաղ մեկնում էին շուկայ իրենց գործի գլուխ։ Ի հարկէ, կուսակցական անդամների ճնշող մեծամասնութիւնն այս տիպի մարդիկ էին։

Երկրորդ տիպը այսպէս կոչուած փախստականներն էին, կամ, ինչպէս վանեցիք էին ասում, «կաչաղներ»։ Սրանք նոյնպէս երկու տեսակի էին բաժանւում — տեղացի փախստականներ, որոնք յեղափոխական որեւէ գործի մասնակցելով՝ աչքի էին ընկնում — տեռօր, զինուած կռիւ, զէնքի եւ յեղափոխական գրականութեան փոխադրութիւն եւայլն եւ կառավարութեան հետապնդումներից խուսափելու համար, այլեւս հրապարակ չէին ելնում։ Փախստականների այս դասը, թուով ամենաստուարը, տեղացիներն էին, որոնց շարքերը օրէցօր խտանում էին ընթացիկ գործունէութեան ընդարձակման հետ զուգընթաց։

Յեղափոխական֊փախստականների երկրորդ տիպը, այսպէս կոչուած, անլեգալ դրսեցիներից էր կազմուած։ Եւ դրսեցի ասելով պէտք չէ հասկանալ միայն արտասահմանից եկածներին, այլեւ, առհասարակ, ոչ Վանի բնակիչներին․ օրինակ՝ Մշեցին, Կարնեցին, Պոլսեցին առանց պետական որեւէ յանցանք գործելու Վանում փախստական է, լեգալ ապրիլ չէ կարող այն պարզ պատճառով, որ երթեւեկութեան ազատութիւն չկար․ խստիւ արգիլուած էր նոյնիսկ անցագրով հայերի երթեւեկութիւնը։ Հասկնալի է, որ նոր մարդը իսկոյն աչքի կʼընկնէր եւ բատ կը նետուէր առանց այլեւայլութեան։ Որովհետեւ յայտնի էր, որ յեղափոխականներն էին միայն, որ համարձակ երթեւեկում էին, արգիլման դէմ ըմբոստանալով եւ ամէն կողմ մտնելով ու ելնելով։

Խօսք չի կարող լինել, ի հարկէ, արտասահմանից եկողների մասին, որոնք իրենց արտաքինով, լեզուով եւ տեղական պայմաններին անծանօթ լինելով՝ դատապարտուած էին փախստականի ծանր ճակատագրին ենթարկուելու։ «Դրսեցիք» Վան կամ մի այլ շրջան մտնում էին գաղտուկ, գիշերները ճամբորդելով, զինուած խմբով եւ շատ քիչ անգամ ծպտուած, ինչպէս արել էի ես։

Փախստականները, ըստ իրենց ընդունակութիւնների կամ ըստ կարգի, դասաւորուած էին զանազան կերպով․ դրանց մեծ մասը գաւառներն էին, իսկ փոքրամասնութիւնը՝ քաղաք։

Քաղաքում փախստականների կենցաղն այս էր։ Նրանք ըստ գործի բաժանուած էին զանազան խմբերի․ ոչ պակաս, քան 5 հոգի եւ ոչ առաւել՝ քան 10։ Շատ անգամ աւելանում էին կամ պակասում, ըստ ժամանակի եւ կարիքի, բայց նորմալ չափը դա էր։ 10ից աւելի չէր կարելի ունենալ մի խումբի մէջ․ որովհետեւ տներում տեղաւորել 10ից աւելի անկարելի էր։ Մեզ հիւրընկալում էին մեծաւ մասամբ համեստ դասի ընտանիքները, որոնք երկու սենեակից աւելի չէին ունենում։ Շատ անգամ էլ միեւնոյն յարկի տակ էին մնում ընտանիքի անդամներն ու խումբը։ Իսկ 5ից էլ պակաս չէր կարելի, որովհետեւ անակնկալի դէպքում պէտք էր կռուով պաշտպանուել եւ պատուով դուրս գալ, մանաւանդ որ գիշերային պահպանութեան պարտականութիւն կար․ պէտք էր հերթով պահպանութիւն անէին։

Խմբերն, ի հարկէ, բոլորը զինուած էին․ ամէն նորընծայ փախստական կատարեալ զինուորութեան վստահելիութեան հասնելու համար որոշ աստիճանով պիտի անցնէր․ օրինակ՝ խամ եւ պատահական փախստականին դեռ երկար ամիսներ պահում էին խմբի մէջ, լոկ իբրեւ շալակաւոր․ խմբի աւելորդ բեռը փոխադրութեան կամ տեղափոխութեան ժամանակ պիտի շալակէր… Յետոյ տալիս էին մի փոքր ատրճանակ, հասարակ մի Սմիտ, լաւագոյն դէպքում մի «բրաունինգ»․ յետոյ տալիս էին Սուրմալի, Ղափաղլի եւ նման տիպի հրացաններ։ Մարդիկ կային, որ տարիներով քալել են այդ ծանր բեռի տակ, մինչեւ որեւէ կռուի մէջ աչքի են ընկել եւ արժանացել հրացանի կամ իսկական զինուորի մկրտութեան։

Խմբերի մէջ մեծամասնութիւնը զինուորներն էին կազմում, այսինքն՝ կռուի փորձուած տղաները… Ամէն խումբ որոշ նպատակ ունէր․ օրինակ, քաղաք ապրող մէն մի ղեկավար ընկերոջ մօտ իբրեւ թիկնապահ կար զինուած ընկերների մի խումբ, որ քաղաքի ծակուծուկերին, ճանապարհներին, այգիներին, դիրքերին պիտի լաւ ծանօթ լինէր, լաւ պաշտպանուելու համար, մանաւանդ ժողովրդին եւ ընկերներին ու տեղական գործերին ծանօթ, որ օգնէր ղեկավար ընկերոջ։

Մեծ մասամբ ղեկավար ընկերների շուրջը հաւաքւում էին Կ․ Կոմիտէի, կամ տեղական կոմիտէի անդամները։ Կ․ Կոմիտէն նշանակովի էր, դրսից եկած, ուղարկուած կուսակցութեան Բիւրոյին, Խորհրդի կամ Ընդհ․ Ժողովի կողմից։ Ընկերն իր շուրջը հաւաքում էր յեղափոխական անցեալ եւ որոշ գործունէութիւն ունեցող ընկերներ։ Երբ դրանք այս կամ այն պատճառով հեռանում էին կամ սպաննւում, ըստ կարգի կանչւում էին նորերը կամ ուրիշները։

Կային յատուկ խմբեր մի ձեռնհաս խմբապետի ձեռքի տակ այս եւ այն գաւառի կազմակերպութեան կամ գործերի ղեկավարման համար։

Կային զինատար, կամ զէնք, ռազմամթերք փոխադրող խմբեր։

Կային թռուցիկ խմբեր այս եւ այն գաւառում քրտական կամ թրքական յարձակման դէմ ելնելու համար՝ իպահանջել հարկին զինակոչելով ե՛ւ տեղական զինուորական խմբեր։

Կային մարզիչ խմբեր, որոնք քաղաքի կամ գիւղերի զինուորական֊մարտական խմբերը տանում էին լեռները զինավարժութեան, նշանառութեան, ռումբերի, տինամիթի եւ այլ բաների գործածութեան համար։

Վերջապէս, կային ահաբեկչական եւ զանազան ձեռնարկների համար պատրաստուած զինուորական֊մարտական խմբեր։ Եւ բոլորը լեցուած էին, ինչպէս ասացի, բացառապէս փախստական ընկերներով եւ շատ քիչ բացառութեամբ ոչ փախստականներով։ Կային եւ կիսափախստական ընկերներ, մեծ մասամբ պատանիներ։

Կառավարութեան լրտեսները, «փոլիսները», հոտ էին առել․ բայց դեռ հաստատ չգիտէին դրանց ո՞վ լինելը, ուստի դրանք խմբերի հետ չէին փակւում տներում, այլ ցերեկները հայկական թաղերի մէջ երթեւեկում էին զանազան յանձնարարութիւններ կատարելու համար։

Աւելի բնորոշ էր խմբերի ապրելակերպը։ Արտաքինով նրանք շատ քիչ էին տարբերւում․ գիւղացիներից եւ քաղաքի բնակիչներից։ Շատ քչերն էին խմբապետներից իրենց խմբին հագցնում յատուկ տարազ, որ մեծ մասամբ գորշ գոյն էր, որպէսզի լեռների մէջ հողին համակերպուին եւ հեռուից չերեւնան։

Ամէն զինուոր ունէր մի հրացան մօտ 200 փամփուշտով, որ ամբողջ ժամանակը վրան պիտի պտտցնէր։ Եւ գիշերն էլ, առանց հանուելու եւ փամփուշտները արձակելու, պէտք է պառկեր քնելու։ Առհասարակ, հագուստները հանում էին այն ժամանակ, երբ հարկ կար ճերմակեղէնները փոխելու կամ դիւրութիւն՝ լողալու։

Ամէն զինուոր ունէր մէջքի պայուսակ — չանթայ, որի մէջ պահած էր մի աւելորդ ձեռք ճերմակեղէն, գուլպաներ, ձեռնոցներ, երեսսրբիչ, թաշկինակ, հրացան սրբելու շոր, եթէ ձմեռ է՝ կարկատաններ, թութուն, շաքար, գիր գրելու թուղթ եւ այլ իրեր։

Այս չանթան էլ ամէնօրեայ անբաժան ընկերն էր զինուորի համար, նրա հետ երթեւեկում էր եւ գիշերը բարձի տեղ ծառայում։

Ինչպէս ասացի, խմբի 5֊10 անդամները — մի խմբապետի ղեկավարութեամբ ապրում էին միասին։ Իսկ այդ նշանակում էր գիշեր ցերեկ բանտարկեալի պէս փակուած նստել մի սենեակի մէջ, քաղաքում կամ գիւղում․ իսկ, եթէ ամառ է եւ դուրսն են, բարեբախտութիւն ունին լեռ ելնել, արեգակի երես տեսնել եւ ազատ շունչ առնել։

Քաղաքում կեանքն այսպէս էր դասաւորուած․ ձեռքի տակի կիսափախստական գործակատարները, թաքստոցներ էին գտնում ամէն խմբի համար՝ ամէն օր նոր տեղ լինելու պայմանով։ Մի տեղ երկու օր մնալը վտանգաւոր էր, արգիլուած, եւ տան տէրերը, առ հասարակ, չէին ընդունում՝ մի կողմից վախենալով, միւս կողմից դիւրութիւններ չլինելու պատճառով։

Երեկոյեան մութը կոխելուն պէս, երբ երթեւեկութիւնը դադարում էր (իսկ Տաճկաստանում բռնակալութեան ժամանակ ոչ սովորութիւն կար քաղաքացիների երթեւեկութեան եւ ոչ էլ հնարաւորութիւն), իսկոյն խումբը իր հին տեղից տեղափոխւում էր նոր տեղ։

Այս տեղափոխութիւնն էլ իր երկար եւ բարակ արարողութիւնն ունէր․ նախ՝ ուսումնասիրում էին, որ տնից դուրս գալու, մանաւանդ նոր տուն մտնելու ժամանակ ոչ ոք չնկատուի։

Պէտք է ասել, որ Վանը բնական շատ մեծ դիւրութիւններ ունէր փախստականների իր մէջ պահելու։ Եւ այս է պատճառը, որ շատ անգամ, հարիւրների հասնող փախստականները Վանում ապրել են երկար ժամանակ աննկատ եւ անվտանգ։

Յեղափոխութեան, մանաւանդ փախստականների կեդրոնատեղին Այգեստանն էր, իսկ այդ թաղամասում հայկական եւ թրքական թաղերը զատ֊զատ են․ վերին մասը՝ արեւելեան կողմը, դէպի Շուշանից դաշտը եւ Վարագայ լեռը համարեա Հայոց թաղն է, յարմար եւ դիւրին դաշտից մտնելու եւ ելնելու համար։

Դեռ աւելին կայ․ Վանում ամէն տուն իրեն կից ունի ընդարձակ այգի, եւ տներն ու այգիները դասաւորուած էին երթեւեկութեան համար շատ յարմար։ Փողոցի կողմը համարեա կողք֊կողքի իրար կից տներ էին․ իսկ ներսը՝ այգիներ։ Այսպիսով կազմւում են քառակուսի թաղամասեր, մէջտեղը ընդարձակ այգիներով։ Երկար սովորութիւններից վերջը քաղաքացիները հաշտուել էին այդ դրութեան հետ, թէեւ շատ անգամ նկատում էին փախստականների քարաւանի անցուդարձը իրենց այգիներից։

Երբ անհրաժեշտ էր լինում մի պատից փողոցի դիմացի պատի այգիներն անցնիլ, դրա համար երկու ձեւ կար։ Եթէ անցնելու տեղը վստահելի մարդու տուն էր, խմբի առաջնորդը (մեծ մասամբ՝ տեղացի կիսալեգալ ընկերներ) նախապէս անցնում էր դիմացի պատը եւ իր մօտ եղած բանալիներով բանում դուռը։ Իսկ եթէ բանալի չկար, դուռը ծեծում էին, շուացնում, եւ մանաւանդ, փողոցի կողմի պատուհանին հող ցանում․ դուռը իսկոյն բացւում էր եւ խումբը մաս մաս դիմացի տանից նոր բացուող տուն էր մտնում, անցնում այգին եւ ապա շարունակում ճանապարհը։

Եթէ տունը վստահելի չէր, մնում էր ուրիշ բան անել։ Վանի այգիները թէ ներսից եւ թէ փողոցի կողմերից շրջապատուած էին հողէ պատերով, ամենաքիչը՝ 5֊6 արշին, ամենաբարձրը՝ 8֊10 արշին բարձրութեամբ։ Խմբի առաջնորդը փողոցի վեր ու վարը մի լաւ ուսումնասիրելուց յետոյ հրաւիրում էր անցնիլ փողոցից՝ թռչելով կամ շրջուելով ուղղակի պատի վրայից դիմացի այգին։ Այս էլ մեծ դժուարութիւնների հետ էր կապուած․ ծանրամարմին եւ կարճահասակ ընկերները չէին կարողանում շուտով թռչել պատի գլուխը եւ շարժուել։ Այդ դէպքում առաջնորդը ծռում էր․ նրա մէջքի վրայ ելնելով թռչում էին պատի վրայ եւ միւս այգու կողմից, որ աւելի խորունկ էր լինում, նետւում էին գետին, շատ անգամ գլուխը կամ թեւը կոտրելու վտանգով։

Այս արարողութիւնները շատ դժուար էին մարսում, մանաւանդ նորեկները, առանձնապէս մշեցիք, որոնք ազատ լեռներին սովոր՝ իրենց ցանցերի մէջ էին երեւակայում։ Տեղացի փորձուած զինուորները թռչում էին արագ, ճարպկօրէն անցնելու, հեգնում էին, խնդում եւ ցուցմունքներ տալիս դիւրութեամբ թռչելու մասին։

Այսպիսի փորձութիւն մի գիշերուայ մէջ պատահում էր բազմաթիւ անգամ, այնպէս որ տուն էին հասնում ջարդուած, քրտինքի մէջ կորած, շատ ժամանակ փոշիի մէջ ողողուած, իսկ անձրեւին՝ վրայ֊գլուխը լաւ ցեխոտուած։

Պատից թռչելուց բացի կար եւ մի ուրիշ անպատեհութիւն․ այգիները ջրւում էին առուակներով, եւ անվերջ նրանց վրայով պէտք էռ թռչել։ Տղաները շատ անգամ ընկնում էին մէջը եւ բաղնիք էին ընդունում։

Կար աւելի մեծ պատիժ․ շատ տեղ մի այգուց միւսը հասնելու համար, անցնում էինք, այսպէս կոչուած, ջրի դռնից, որ պատերի մէջ, ջրի առուի վրայ մի այգուց միւսը տանող փոքրիկ դուռն է, ամենամեծը մի արշին բարձրութեամբ եւ արշինից պակաս լայնութեամբ։ Այս դռները շինուած էին նրա համար, որ զինուորները՝ առուները շտկելիս՝ ջուրը բերելու համար երթեւեկէին։ Հաստամարմինների, փամփուշնտերով, տոպրակներով եւ զանազան իրերով ծանրաբեռնուած զինուորների համար ահագին տանջանք էր երեսի վրայ սողալով, փոշոտուելով եւ ցեխոտուելով անցնել այդ դռնից։ Շատ անգամ հարկ էր լինում ձեռքերից եւ ոտներից քաշելով՝ ուժով դուրս հանել։

Յաճախակի երթեւեկութիւնը քաղաքի մէջ ապրողների համար դիւրութիւն էր տուել այգիների բոլոր ծակուծուկը ուսումնասիրելու, յարմար եւ անյարմար տեղերն իմանալու, նոյնիսկ ճանաչելու, ո՞ր այգին, ո՞ւմն է, կամ մեր ճանապարհի վրայ ի՞նչ ծառեր կան, որ լաւ միրգ ունին, անուշ խաղողը ո՞ր թփի վրայ է, եւայլն։ Այգիներով անցնելիս տան տէրերը իրենք էին հրամցնում կամ ծանօթ այգիների մէջ հէնց մենք էինք պտուղներ եւ ծաղիկներ քաղելով անցնում։

Տարիների ընթացքում այգիների մէջ եղած երթեւեկութիւնը ստեղծել էր յատուկ ներքին ճանապարհ, որից սկսել էին օգտուել եւ քաղաքացիները։ Այս եւ այն կռուի ժամանակ, երթեւեկութիւնը դիւրացնելու համար, պատերը քանդել էին, եւ նեղլիկ ճանապարհներ շինել։ Քաղաքացիք իրենք էլ գաղտուկ ճանապարհների պէտք ունէին, որովհետեւ այս ու այն տուրքից խուսափելու համար դէս ու դէն էին փախչում։ Մանաւանդ Վանում շատ զարգացած էր ծխախոտի մաքսանենգութիւնը․ մաքսանենգներն էլ իրենց համար էին երթեւեկութիւն անում, ի հարկէ, օգտուելով մեր ստեղծած դիւրութիւններից եւ միջոցներից։

Ինչպէս ասացի, խմբերն ամէն օր ստիպուած էին իրենց տեղերը փոխելու, հետքերնին կորցնելու եւ աւելորդ ընդհարումների տեղի չտալու համար։ Պէտք է խոստովանիլ, որ շատ քիչ են պատահել Վանի յեղափոխական պատմութեան մէջ այսպիսի մասնակի դէպքեր, որոնցից մի քանիսը պատահական բնոյթ են ունեցել․ եկել են ծխախոտ խուզարկելու կամ տուրք առնելու եւ զինուած խմբի ու դիմադրութեան են հանդիպել։

Այս բոլորը վերագրելու է նախ՝ նրան, որ ժողովրդի համակրութիւնը տղաների կողմն էր, երկրորդը՝ մատնիչներն իսկոյն իմացւում էին եւ ահաբեկւում, եւ երրորդ, որ ամենանշանաւորն է, Այգեստանի հայկական թաղը ոչ միայն հեռու էր թուրքականից, այլեւ շուկայից, որ քաղաքամէջն է, որտեղ եւ կեդրոնացած էին կառավարական հիմնարկութիւնները։ Այգեստանի հայկական մասում համարեա ոստիկաններ չկային, երթեւեկութիւնից եւ աչքից հեռու էր․ հետքերը կարելի էր լաւ թաքցնել։

Կառավարութեան որոգայթներից ազատուելու համար կազմակերպուած էր հակախուզարկութիւն։ Սա խնամքով ստեղծուած մի մեծ ցանց էր քաղաքի, ինչպէս եւ գաւառի մէջ։

Կառավարութեան բոլոր քայլերին հետեւելու համար մենք էլ ունէինք մեր լրտեսները եւ միջոցները։ Նախ՝ դրամական վարձատրութեամբ եւ ուրիշ միջոցներով մեր կողմն էինք գրաւել որոշ ոստիկաններ։ Ոստիկանները իսլամ էին։ Ոստիկան կամ համակիր թուրք, մանաւանդ քիւրդ ձեռք բերելու համար մեծ դեր էին կատարում բանտի ընկերները, որ ազատ կարող էին խօսել, իրենց ինքնութիւնը ծածկելու պէտք չունէին։ Նախ՝ ոստիկաններին համոզում էին իրեց եւ դրսի հետ կապ հաստատելու, ապա՝ երբ վստահելի էին դուրս գալիս, գործ էին ածում եւ ուրիշ գործերի համար։

Ոստիկանները որեւէ լուր առնելիս խուզարկութեան, յարձակման, գաւառներ մեկնելու, պաշտօնեաների փոփոխման, այս կամ այն անձի ձերբակալութեան մասին՝ իսկոյն լուր էին տալիս որոշեալ մարդկանց։

Ամէն մի ոստիկանի ցոյց էր տրուած շուկայի կամ Այգեստանի մէջ մեր վստահելի մի ընկերոջ խանութ, որը գալիս նրան հաղորդում էր, իսկ նա էլ իր հերթին՝ Կոմիտէին։ Բացի դրանից զանազան ընկերների եւ զանազան յարմարաւոր կէտերի վրայ պաշտօն էր յանձնուած հետեւելու ոստիկանութեան, զօրքի, կառավարութեան պաշտօնեաների շարժումներին եւ ժամ առ ժամ հաղորդել նորութիւնները։ Ունէինք դաշնակցական սրճարանապետներ, որոնք հետեւում էին իրենց սրճարաններում եղած ոստիկանների խօսակցութեան եւ հաղորդում մեզ։

Կային եւ թուրք պաշտօնեաների տներում ծառայող հայեր, — խոհարար, ծառայ, ձիապան եւայլն —․ նրանք էլ էին կազմակերպուած եւ օրը օրին լուր էին տալիս իրենց պարոնների տան մէջ եղած խօսակցութիւնների մասին։ Պէտք է նկատել, որ սրանց տուած լուրերն ամենաթանկագիններն էին լինում, որովհետեւ օղիի եւ գինիի ազդեցութեան տակ ազատ խօսում էին, եւ ծառաները դրան ծակից լսում էին շատ բաներ։

Կային եւ հատ ու կտոր հայ պաշտօնեաներ, որոնք նոյնպէս լուրեր էին հաղորդում։

Ինչպէս ասացի, այս գործը կազմակերպուած էր շատ լաւ․ ամէն կայարան լուրերը հաւաքում էր։ Երբ խիստ ստիպողական էր, ինք անձամբ կամ նամակով վստահելի մէկի միջոցով լուր էր հասցնում, եթէ ոչ՝ սպասում էր, որ գործակատարը գնայ եւ նամակներն ու լուրերը հաւաքէ բերէ։

Լուրերը կեդրոնանում էին Կ․ Կոմիտէի ներկայացուցչի մօտ, որն իր կարգին կարեւոր լուրերը հաղորդում էր խմբերին եւ գաւառի ընկերներին։

Այս բոլորը կատարւում էր գրաւոր, եւ այդ էր պատճառը, որ օրական ամենաքիչը մի քանի տասնեակ, շատ անգամ հարիւրներով նամակներ եւ երկտողներ էին թափւում ներկայացուցչի եւ խմբերի մօտ։ Դրան օգնում էր այն, որ գրագիտութիւնը միշտ տարածուած էր, մանաւանդ քաղաքում, ամէնքը կարդալ գիտէին եւ իրենց մտքերը գրաւոր արտայայտելու մէջ շատ հմուտ էին։ Ամէն նամակ գրւում էր կեղծ ստորագրութեամբ․ մէկ մարդ շատ անգամ ունէր մի քանի կեղծ անուն՝ այս եւ այն գործին յատուկ։ Հասցէն նոյնպէս գրւում էր կեղծ անունով։ Ստեղծուել էր մի տեսակ պայմանական «Եզոպոսեան» լեզու, այս եւ այն պաշտօնեայի, այս եւ այն գործողութեան, այս եւ այն վայրի․ կարճ՝ կեղծիքների եւ գաղտնիքների մի ամբողջ շարան, որ միայն գրողը եւ առնողը կարող էին հասկանալ։

Խմբերի առտնին կենցաղն էլ պակաս հետաքրքրական չէր։ Ինչպէս տեսանք, մութը կոխած, յաճախ էլ առաւօտեան դեռ լուսաբաց չեղած՝ խումբը տեղափոխւում էր իր նոր ապաստանարանը։ Նայած թէ ի՞նչ տուն է ընկնում խումբը յարմարութեան կամ անյարմարութեան տեսակէտով, ըստ այնմ էլ դժուարութիւններ նուազ էին լինում կամ առատ։ Բայց, որովհետեւ մեծամասնաբար գնում էին համեստ դասի տներ, դժուարութիւններն ու անպատեհութիւնները միշտ առատ էին։

Լինում էր ժամանակ, որ այցելում էինք որեւէ տուն ամիսների եւ տարիների ընթացքում, բազմաթիւ անգամ․ տան մեծը՝ հայրը կամ մեծ եղբայրը յաճախ չէին իմանում։ Երեւակայեցէք ձեր դրութիւնը․— գաղտնի պիտի մտնէք, փակուէք որեւէ սենեակի մէջ, ձայն ծպտուն չպիտի հանէք։ Եւ այսպէս ժամեր։ Երթեւեկել, ի հարկէ, անկարելի է։ Դրացիները չպիտի իմանային, ինչպէս եւ, շատ յաճախ, նոյն բակի մէջ ապրող ուրիշ տնուորներ։

Սոսկալի բան է մանաւանդ դուրս գնալու բնական կարիքը հոգալու հարցը։ Վանեցւոց արտաքնոցներն այգիներում են․ ուրեմն, ցերեկը երթեւեկելու համար անյարմար է։ Եթէ տանը լինում էր գոմ, փրկութիւն էր, ապա թէ ոչ սոսկալի տանջանք եւ պատիժ էր, ներսը փակուածների համար։ Նրանք ստիպուած էին 8֊10 ժամ մէջքերի վրայ պառկիլ, ձայն ծպտուն չհանել, չշարժուել, բնական պահանջներին գոհացում չտալ եւ բանտարկեալի պէս ընկնել անտրտունջ։

Այդ պատճառով փորձ խմբապետներն առաւօտեան վաղ զինուորներին արթնացնում էին, որ դուրս գնան, լուացուեն ու պատրաստուեն՝ ցերեկը նեղութիւն չքաշելու համար։

Սենեակից դուրս չկարենալ գալը, ազատ օդից, մանաւանդ արեգակի լոյսից եւ ջերմութիւնից զուրկ լինելը ամէնօրեայ սովորական տանջանքներ էին։ Վանի փախստականների համար օրը բացւում էր, երբ գիշերը վրայ էր գալիս․ նոր սկսւում էր ազատ երթեւեկութիւն, ներս ու դուրս, ազատ երկնքի տակ ազատ շունչ քաշել…

Իսկ երբ պատահում էր, որ քաղաքից դուրս էին գնում լեռը մի կամ երկու օրով, հարսանիքի եւ տօնական տրամադրութիւն էր համակում ամէնքին։ Վարագ գնալը Վանի փախստական զինուորների համար ազատ դրախտ գնալ էր նշանակում։

Այս բոլոր սահմանափակումներն, ի հարկէ, ազդում էին զինուորների եւ գործիչների բնաւորութեան եւ ֆիզիքականի վրայ․ ամէնքը դալուկ էին, մելամաղձոտ, խոհուն, վշտոտ հայեացքով, երազող եւ միշտ ձգտող դէպի մի անյայտ աշխարհ։ Ես շատ անգամ լսել եմ այդպիսի վիճակի մէջ զրոյցներ եւ իղձեր, որ սովորական մարդկանց համար ոչ մտածելու եւ ոչ ձգտելու իղձ կարող են լինել։

Ա՜խ, մարդ կարողանայ ամբողջ կրծքով մի լաւ խնդալ…

Այսպէս էր երազում մեր խեղճ Սարգիսը։ Ինքը հրաշալի ծիծաղում էր, ամբողջ կրծքով եւ թոքերով, մանկան անկեղծութեամբ։ Բայց մէկ էլ տեսար, տանտիկինը՝ պառաւ մայրիկը պոռաց․

Պ․ Սարգիս, քե մեռնիմ, մի՛ խնդա, կը լսեն…

Ա՜խ, մարդ մի սենեակ ունենայ միշտ մէջը պառկելու՝ ազատ, առանց տեղափոխուելու հոգսերի, առանց վտանգուելու մտահոգութեան… Ա՜խ, մարդ կարողանայ լողանալ, հագուստները հանել եւ մաքուր անկողնում ազատ ու անվախ քնել…

Ծիծաղելու հնարաւորութիւն, մի սենեակ ունենալու դիւրութիւն, մի անգամ հանուած մաքուր անկողնում քնելու պատեհութիւն, — եւ այս փոքրիկ բաներն էին կրթուած, շատ անգամ համալսարանական մարդկանց իտէալը։ Կարո՞ղ էք երեւակայել, թէ ի՞նչ պիտի լինէին միւսներունը։

Մեծ Վարդանը պատմում էր, որ իրենց դրութիւնը աւելի սոսկալի է եղել 1894֊95 եւ 96 թուականներին։ Ի միջի այլոց նա պատմում է փախստական կեանքի տանջանքներից մի կուրիօզ․ 3 տարի չեն կարողացել սովորեցնել վանեցի ընկերներին մի երգ, որ նոր էր դուրս եկել Կովկասում․ դրսեցիները գիտէին, բայց չէին կարող բարձր երգել, որ տեղացիք սովորեն։

Ես չէի կարողանում հասկանալ այն մեծ գաղտնիքը, այն մեծ ոյժը, որ սովորական մարդկանց, շատ անգամ կրթութիւն չունեցողներին, գիւղացիներին, ստիպում էր տարիներ շարունակ անտրտունջ հանդուրժել այս տառապանքներին։ Մտաւորականների համար ասում են իտէալն ու գաղափարականութիւնն է, իսկ միւսներին մնում է ընդունել հայրենասիրութիւնը, որն ունի եւ գաղտնի անըմբռնելի ոյժ՝ այդքան զոհաբերութիւններ վերցնելու։ Պատմում էին փորձուած ընկերները, որ մտաւորականների, մանաւանդ դրսից եկած ընկերների օրինակը շատ էր ազդում զինուորների հոգեբանութեան վրայ։

Մի քանի խօսք էլ սնունդի մասին։ Խումբերն ապրում էին առհասարակ կազմակերպութեան հաշուին։ Արդէն տեսանք, որ մենք հիւրընկալւում էինք աղքատ ընտանիքների մօտ։ Խեղճերն իրենք ուտելու բան չունէին, ո՞ւր մնաց, թէ մեզ տային։ Խօսքս, ի հարկէ, Վանի մասին է․ գաւառում՝ գիւղերում խումբը ապրում էր գիւղացու, ժողովրդի հաշուով եւ բաւականանում նրանով, ինչ որ տալիս էին գիւղացիները, բաժանելով նրանց հետ մի կտոր սեւ հացը եւ տաք թանապուրը։

Գիւղում դրութիւնը այլ էր, քաղաքում՝ այլ։ Գիւղում խումբը ապրում էր համայնքի հաշուին։ Այդ նշանակում էր, որ ամբողջ գիւղն էր հիւրասիրում խմբին եւ ոչ այն տունը, ուր տղաքը հիւր են։ Իսկ քաղաքում, ինչպէս տեսանք, բոլորը մի տան մէջ էին եւ միայն այդ տնեցիք գիտէին։

Կազմակերպութիւնն ունէր յատուկ ծախսարարներ՝ խմբի պէտքերը հոգալու համար։ Կեանքը աժան էր, մանաւանդ երբ 8֊10 հոգի միասին պիտի ճաշէին։ Առաւօտեան՝ թէյ, պանիր, հաց էր․ կէսօրին՝ մէկ կամ երկու տեսակ կերակուր։ Ամէն ընկերոջ վրայ օրական 60 փարա ծախք էր նշանակուած․ կամ խմբի գործակատար — առաջնորդն էր ծախսերը անում․ իսկ, երբ նրա ելքն ու մուտքը անկարելի էր, ծախս անողները տանտէրներն էին։

Շահագործման դէպքեր, ի հարկէ, լինում էին, մանաւանդ որ սարսափելի անգործութիւն կար եւ եկամուտների չորացում։ Մեր ժամանակ չորս֊հինգ հոգուց բաղկացած ընտանիքի համար ամսական մի ոսկի եկամուտը համարւում էր բաւարար եւ տանելի․ կային եւ կէս ոսկով ապրող ընտանիքներ։

Այսպէս, ընտանիքների տեւական սնունդն էր, — առաւօտ֊երեկոյ թանապուր, ձուկ, ժաժիկ (թանից են պատրաստում) եւ քիչ անգամ իւղեղէն։ Միսը, կարծեմ, տարին մի քանի անգամ հազիւ էին տեսնում խեղճերը։ Դրա փոխարէն շատ բուսակեր էին․ ամէնքը ձմեռուայ համար բռնուած բուսեղէն ունէին՝ մանդակ, երնջնակ, լըխանա (կաղամբ), ճակընդեղ (բազուկ), շողգամ եւն․։ Գարուն, ամառ եւ աշուն սնւում էին զանազան բոյսերով, որ խաշում էին սովորական ջրով ու աղով։ Այս է թերեւս մասամբ, պատճառը, որ վանեցիների մարմինը բաւական տգեղ է, մանաւանդ կիներունը, որոնց տգեղութիւնը կարելի է վերագրել մեծ մասամբ եւ տնտեսական աշխատանքների ձեւին, — այն բանին, որ միշտ թոնրի վրայ էին կերակուր եփում, հազար անգամ օրական կախւում֊բարձրանում, իսկ ամբողջ ձմեռն էլ նստում էին թոնրի վրայ, քուրսիի տակ։

Բուսական կերակուրը մեծացնում է փորը։ Գիւղերում եւ քաղաքներում ուռած փորով երեխաներն ընդհանուր երեւոյթ են։

Այն տանը, ուր մենք էինք լինում, ընտանիքի անդամներն էլ մեզ հետ եւ մեր հաշուին էին կերակրւում․ գուցէ մեզ տուն տուողների մեծ մասը շահագրգռուած էր հէնց դրանով։

Պէտք է խոստովանիլ ե՛ւ այն, որ կային բազմաթիւ ընտանիքներ էլ, որոնք միշտ, քանի անգամ էլ ամսական կամ տարեկան հանդիպէինք, պահում էին իրենց հաշուին, այլ էլ շատ լաւ, տօնական կերակուրներով, խմորեղէններով եւայլն։

Խմբի զինուորները ժամանակի մեծ մասը անցընում էին կարդալով, նոր գրել կարդալ սովորելով, թուղթ խաղալով։ Ժամերով խաղում էին, մանաւանդ գիշերները, երբ ստիպուած էին պահապան լինել։

Դառնանք սակայն մեր պատմութեան։ Հարկաւոր էր հարթել Տիգրանի եւ Կոմսի միջեւ եղած թիւրիմացութիւնները՝ ընկերական ներդաշնակ կեանք ստեղծելու եւ գործ կատարելու համար։

Միւս օրը կրկին գնում եմ Կոմսին եւ նրան եմ հարցնում թիւրիմացութիւնների պատճառները։

Տիգրանը լաւ, մաքուր եւ գաղափարական տղայ է, բայց նրա հետ աշխատել անկարելի է։ Գէթ ես չեմ կարող․ խենթութեան է հասցնում ամէն բան։ Ամենավիրաւորականը այն է, որ դիմացինի մէջ միշտ ուզում է տեսնել կասկածելի, ոչ մաքուր մարդ․ այդ արդէն անտանելի է այսպիսի պայմաններում։

Բացատրում եմ, որ մտաւորական մարդկանց սով է, որ ամէն եկող տեղ չի հասնում։ Ինքը լաւ գիտէ, որ անցեալ աշնան՝ 1904ին Նարմանից մինչեւ Կոտոլ հարիւրներով զոհեր տուինք, ամենալաւ, պատրաստուած գաղափարական ընկերներ — Թումանը, Թորգոմը, Ալեքսանդրապոլցի Վաղոն, Որսորդ Գէորգը, Կայծակ Վաղարշակը, Ռուս Գէորգը, Նեվրուզը, Խանը, մեր Մենակը, Հմայեակը, Աշոտ Երկաթը, Քղեցի Պօղոսը, Գայլ Վահանը, Թոխմախը եւ ուրիշներ։

Կոմսը այդ բոլորը ինձանից լաւ էր հասկանում․ բայց նորից առարկում է, որ իր կարծիքով բոլոր միջոցներն սպառուած են։

Ցաւում եմ, որ, այս դէպքից յետոյ մի գործնական որոշում տուինք, — այն է, որ ամէն մի նոր եկող եւ անգործ ընկեր իսկոյն Կ․ Կոմիտէի մէջ չառնենք եւ ղեկավար դեր չտանք։ Թո՛ղ մի վեց ամիս կամ մի տարի մնայ։ Եթէ ընկերները գտնեն, որ արժանիք ունի, թո՛ղ նոր ընդունին։

Որոշումը ցանկալի եւ նոյնիսկ ընդունելի էր եւ ինձ համար, թէեւ Բիւրօն ինձ յանձնարարել էր իբրեւ հաւասար ընկեր, բայց ես զգում էի, որ անհրաժեշտ էր նախ տեղական գործերին ծանօթանալ եւ ապա միջամտել։

Որոշում ենք Կ․ Կոմիտէի ժողով հրաւիրել, հարցը այնտեղ քննութեան դնել եւ մի վերջնական որոշում տալ։

Ժողովը գումարւում է շուտով, ինձ բացառաբար թոյլ են տալիս ժողովին մասնակցելու։ Այն ժամանակ մարմնի անդամներն էին Կոմսը, Իշխանը, Վարդան֊Շահպազը, Տիգրանը, Թէոսը, Ալէսն ու Արմենակը։

Երկար ու բարակ, սուր ու ջղային վէճերից յետոյ գտնում ենք միայն մի ելք, — այն է, որ կազմակերպական գործերը քաղաքում եւ բոլոր գաւառներում բաժանուեն ընկերների միջեւ, ըստ ընդունակութիւնների։

Տիգրանին տալիս ենք Հայոց֊Ձորի եւ Թիմարի շրջանի կազմակերպական, զինական ամբողջ գործերը․ նա պիտի շրջէր եւ մեծ մասամբ քաղաքից բացակայէր։

Իմ մասին որոշում են, որ ես մնամ քաղաք Կոմսի մօտ՝ զբաղուելու համար քաղաքի խմբերի պրոպագանդի եւ կազմակերպութեան խնդիրներով։

Կոմսը մնում է քաղաքում ընդհանուր ղեկավար ներկայացուցչի դերում։

Իշխանը նորից պիտի դառնայ գաւառ, Վարդան֊Շահպազի հետ։ Նրա շրջանն էր Շատախը, Մոկսը, Կառկառը, Կարճկանը եւ Գեաւաշը, որ այն ժամանակ ընդհանուր կեղծ անունով կոչւում էր Լեռնապար։

Իշխանի հետ պիտի լինէր ե՛ւ Մակուեցի Մեսրոպը, որը մեր հին եւ փորձուած ընկերներից էր՝ զինուորական ընդունակութիւնների տէր, կրթուած եւ լաւ բնաւորութեամբ մի մարդ։

Ինչպէս առաջ ասացի, Իշխանի եւ Կոմսի յարաբերութիւններն էլ լաւ չէին։ Իշխանի դժգոհութիւններն յիշատակել եմ արդէն, եւ ժողովումն էլ պարզուեցին նոր խնդիրներ։

Վանում, ինչպէս եւ բոլոր կեդրոնական քաղաքների եւ յարակից գաւառների միջեւ, անվերջ եւ յարատեւ կռիւ կար, գաւառի եւ քաղաքի կռիւ։ Այդ կռիւը փոխադրուել էր ե՛ւ մեր կազմակերպութեան մէջ։

Գաւառացիք գանգատւում էին, որ արտասահմանից եկած բոլոր զէնքերը, ռազմամթերքն ու դրամները մնում են քաղաքում․ գործիչների մեծ մասն էլ քաղաքում են գործում եւայլն… Գաւառը մոռացութեան է տրուած, այն ինչ՝ իսկական, վստահելի յեղափոխական եւ կռուի ընդունակ տարրերը գաւառի մէջ էին։ Այս յաւակնութիւններն ունէին մանաւանդ շատախցիք։

Քաղաքացիք, ընդունելով հանդերձ գաւառի նշանակութիւնը եւ արժէքը, պնդում էին, որ գործի ղեկն ու կեդրոնը քաղաքն է․ եթէ քաղաքում ուժեղ չլինենք, գաւառն էլ կը լքուի։

Գաւառացիք մնում էին իրենց կարծիքի մէջ՝ միշտ արհամարհոտ ու կասկածոտ քաղաքացիների մասին։

Այս քաղաքի ջոջ աղաները ձեր գլուխը պիտի ուտեն եւ մեր տունը պիտի աւրեն։

Այս էր ամէն անգամ գաւառից քաղաք եկող գաւառացի ընկերոջ վերջին խօսքը։

Դէպքերը յետոյ ցոյց տուին, որ գաւառացիք էլ իրաւունք ունէին ամբողջապէս վանեցիներին չվստահելու, ինչպէս եւ վանեցիք՝ գաւառացիներին։

Իշխանի եւ գաւառացի ընկերների պահանջներին գոհացում տալու համար որոշում ենք, որ արտասահմանից եկող եւ Երկրի ներսը գտնուող զէնքի֊ռազմամթերքի կէսն ուղարկենք գաւառ, ինչպէս եւ դրամի եւ եկող ղեկավար ոյժերի։

Լեռնապարի համար էլ ստեղծում ենք զատ մարմին, — Իշխան, Վարդան֊Շահպազ եւ Մեսրոպ։ Այսպիսով Վասպուրականում ունենում ենք 1905֊1906ին երկու Կեդր․ Կոմիտէներ, Շամիրի․ — Վան, որի մէջ մտնում էին Վան, Հայոց֊Ձորեր, Խոշապ, Նորդուզ, Բաշկալէ, Արճակ, Ալջաւազ եւ արուարձանները, եւ Լեռնապարի Կեդր․ Կոմիտէն, որի մէջ մտնում էին Վասպուրականի միւս լեռնային գաւառները։ Արտասահմանի եւ միւս քաղաքների հետ յարաբերութիւն եւ կապ պահելու էր, ի հարկէ, քաղաքը։

Գործն այսպէս փակուած էինք համարում, երբ մի քանի օրից յետոյ, Կոմսը, տեղական ընկերների հետ առանձին խորհրդակցութիւն ունենալով, յայտնեց, թէ այլեւս չի կարող մնալ, — յոգնել է, ինքը մի տարով էր եկել, երկրորդ տարուան մէջն է եւ աշխատել, մանաւանդ այդ պայմաններում, անկարող է։

Յիմար կացութիւն էր ստեղծւում․ աչքը շինելու տեղ՝ յօնքն էլ աւրեցինք․ իմ գալը, փոխանակ օգտակար լինելու, վնասակար եղաւ։

Կոմսը ղեկավար ընկեր էր, գործերին ծանօթ, մարդկանց, գործիչներին կապել էր իր հետ․ յանկարծ, թողնել ու հեռանալ… Մեզ թւում էր, թէ գործը կը քայքայուի․ մանաւանդ Վանի ժողովուրդը մեծ վստահութիւն ունէր նրա վրայ, որ երկու բանով կարելի էր բացատրել։

Նախ՝ որ կարճ ժամանակում նա գործը դրել էր լաւ հիմքերի վրայ եւ որ, գլխաւորն է, հետեւել էր խոհեմ ու շրջահայեաց գործելակերպի։ Վանեցիք այն համոզմանն էին, ու թերեւս մասամբ իրաւունք ունէին, որ եթէ Կոմսի ներկայութիւնը չլինէր, երբ Անդրանիկը Վան էր եկել 1904ի ամառը մեծ խմբով, անպատճառ խոշոր ընդհարում պիտի լինէր եւ կոտորածը անխուսափելի դառնար։

Անդրանիկի Վան եղած միջոցին կարծեմ մի փոքրիկ ընդհարում է միայն տեղի ունեցել Մեծ Քանտրչի փողոցի մէջ, որը Վանում յայտնի է «Մարոյի դէպք» անունով։

Գիշերային մի տեղափոխութեան ժամանակ, Սեպուհի, Մուրատի, եւ միւսների խմբերը երբ փողոց են իջնում եւ դիմացի տունից ներս մտնում, յետնապահ տեղացի ընկերը՝ կարծելով, թէ ամէնքը անցել են արդէն, ինքն էլ ներս է մտնում եւ դուռը փակում։ Զինուորներից մէկը, կարծեմ Ծուռ Դաւիթը, (տեղացի մի շատ կտրիճ զինուոր) դուրս է մնացել։ Յանկարծ, դիմացից գալիս են «դաւրիաները», գիշերը պտտող պահակները, որոնք հեռուից թասլիմ են բղաւում։ Դաւիթը կրակում է եւ իր վրայ յարձակուող առաջին ասկեարին սպաննում։ Միւսները յետ են փախչում եւ, ծառերի մէջ դիրք բռնելով, սկսում են կրակել։ Մերոնք էլ յետ են դառնում եւ պատերից կրակում։ «Դաւրիաները», ի հարկէ, փախչում են․ մերոնք էլ քաշւում են իրենց տեղերը։

Միւս առաւօտ Այգեստանը շրջապատւում է զօրքերով՝ խուզարկութիւն անելու պատրուակով։ Ընկած զինուորի դիակը տեսնելով թուրքերը գրգռւում են եւ սկսում աջ ու ձախ կրակել անզէն մարդկանց վրայ։ Այդ ժամանակ սպաննւում է մի խենթ կին, «Մարօ» անունով, եւ դէպքը կոչւում է «Մարոյի դէպք»։

Հայ հարուստների, միսիոնարների եւ եւրոպական հիւպատոսների միջամտութեամբ սպաննութիւնները դադարում են։ Ժամանակի վախկոտ եւ խաղաղասէր կուսակալ Թահիր փաշան հիւպատոսների հետ համաձայնւում է, որ խուզարկութիւններ պիտի չկատարուին, եթէ Անդրանիկն իր խմբով Վանի շրջանից հեռանայ կամ դէպի Պարսկաստան եւ կամ դէպի Մուշ։

Բնորոշ է, որ Սասունի դէպքերի առթիւ Բիթլիսի կուսակալը մեղադրում է Թահիր փաշային, որ նրա թուլութեան երեսից յեղափոխականներն արտասահմանից անցնում են Վան եւ այնտեղից՝ Մուշ։

Ինչ եւ է․ հիւպատոսներն ու քաղաքացիները դիմում են Կոմսին եւ Անդրանիկին, որոնք, երկար եւ բարակ խորհրդակցութիւնից յետոյ համաձայնւում են եղած առաջարկին։

Ուրիշ ելք չկար․ արդէն կռիւ անելու ոչ տրամադրութիւն եւ ոչ էլ ոյժ կար։ Մեր ամբողջ ռազմական ոյժը, նոյնիսկ Վանի շրջանի, սպառուած էր Սասնոյ եւ ապա՝ Մշոյ դաշտի դէպքերի ժամանակ։ Նոր դէպքեր առաջացնելու ժամանակը չէր, հարկաւոր էր տեղի տալ։ Այդպէս էլ լինում է․ Անդրանիկն էլ կամաց֊կամաց անցնում են Պարսկաստան։ Այդպիսով խնդիրը վերջանում է։

Այս անցքերը մեծ տպաւորութիւն էին թողել Վանի հասարակութեան վրայ։ Ամբողջ պատիւը վերագրում էին Կոմսին, եւ նրան պաշտելու չափ սիրում էին իբր փրկարար։

Կար եւ երկրորդ հանգամանքը։ Կոմսը տեղացի էր, որը նոյնպէս մեծ տեղ է տուել վստահութեան։ Դրսեցիների մասին կարծիք կար, թէ նրանք ի՞նչ պիտի ցաւին իրենց վրայ․ ո՛չ կապեր ունին եւ ոչ սէր․ ուրիշ բան է վանեցին, որ Վանի աւերման պատճառ չի դառնայ։

Կոմսի որոշումը անդարձ էր։ Չէր ուզում լսել որեւէ առարկութիւն։ Պահանջում էր, որ գործերը շուտով յանձն առնենք, հաշիւները փակենք, որ ինքը շուտ մեկնի, քանի «քրշա» կայ, քանի քիւրտերը դեռեւս գիւղերից դէպի սար չեն քշուել։

Ցաւալին այն է, որ տեղացի ընկերներն էլ — Ալէս, Արմենակ եւ Թէոս — նոյնպէս հրաժարւում էին եւ յայտնում, որ իրենք էլ ուզում են մեկնիլ արտասահման։ Յիմար կացութիւն էր․ Իշխանը չէր կարող գաւառը թողնել, որովհետեւ այնտեղ ահագին գործ էր ստեղծել․ մեր յոյսը այն ժամանակ իսկապէս գաւառի վրայ էր։ Տիգրանը չէր կարող գործի ղեկավարութիւնը իր վրայ վերցնել։ Նոյնը եւ Վարդան֊Շահպազը։ Իսկ ես դեռ նոր էի եկել․ ինչպէ՞ս կարող էի րիսկ անել։ Բայց «անճարը կերել է բանջարը»․ ստիպուած էինք տեղի տալ։ Իշխանը խորհուրդ տուաւ ինձ չվախնալ գործից, այլ վերցնել․ ինքը նամակներով ինձ կʼօգնէ, իսկ մինչ այդ՝ ինձ մօտ կը թողնէ Վարդան֊Շահպազին, որ լաւ ծանօթ է տեղական պայմաններին, մանաւանդ որ Տիգրանն էլ կու գայ հոն։

Ստիպուած եմ համակերպիլ։ Շուտով ծանօթանում եմ բոլոր գործերին։ Կազմում ենք զինական հաշիւները, պատրաստում ենք դրամական հաշիւները։ Բայց առաջ է գալիս մի բարդութիւն․ դրամական հաշիւների մէջ 42,000 ղրուշի բաց է նկատւում։ Կոմսը ինքն անձամբ չէր վարել հաշիւները եւ լաւ էլ չէր հասկանում․ մի երկու շաբաթ էլ դրա վրայ ենք չարչարւում։ Այն ժամանակ դրամ չկար․ այդ բոլորը պարտ էինք շուկային․ վախենում էինք, թէ Կոմսի մեկնելուց վերջը կազմակերպութեան ունեցած դրամական վարկը, որը միշտ բարձր է եղել, յանկարծ կոտրուի։ Հարկաւոր էր գործը շարունակել, բայց ո՞րտեղից ճարել 42,000 ղրուշի բացը եւ ի՞նչպէս ապրել։ Մի գումար, որ այն ժամանակուայ հաշուով 4,000 ր․ (2,000 տոլար) էր։

Ստիպուած ենք բաւականանալ նրանով, որ արձանագրութիւններ ենք կազմում, ամէնքը ստորագրում եւ ուղարկում Արեւելեան Բիւրոյին ի գիտութիւն։ Այն ժամանակ բացի հանգամանքը պարզ էր․ ծախսեր էին արուել առանց գրելու թէ ինչի վրայ․ սա կամ նա դրամ էր ուզել։ Գիտէին, որ ծախս էին արել, բայց ի՞նչ, ե՞րբ, որի՞ համար, արդարացուցիչ թղթեր չկային։ Եւ պէտք է ասել, որ այդ պայմաններում թղթեր էլ չէինք պահում դիտմամբ, այլ գրում էինք միմիայն մանրամասնաբար ելքի եւ մուտքի հաշիւները․ անունները՝ կեղծ եւ համառօտուած, շատ շատ ծախսարարների կեղծ ստորագրութեամբ հաստատուած արդարացուցիչ թղթերով։

Վերջապէս, Կոմսը մեկնեց 1905ի գարնան, իսկ մենք ձեռնարկեցինք գործի։ Բայց, ինչպէս ասացի, դժգոհութիւն կար այս առթիւ տեղացի ընկերների մէջ․ ոչ֊փախստական ընկերները խաբար չունէին, իսկ ժողովուրդը ուշ իմացաւ Կոմսի մեկնումը։

Եղած դժգոհութեան արտայայտութիւններից կʼուզենայի երկու բնորոշ դէպք մէջբերել․ մէկը՝ ներքին, տեղացի ընկերների կեանքից, միւսը՝ ժողովրդի։

Մեր զինուորներից Գրիգորը, որ եղել է Սասուն օգնութեան գնացող Թումանի խմբի մէջ եւ կարծեմ մասնակցել է այնտեղի կռիւներին եւ անցել է Վան, բաւական խօսիլ գիտէր եւ ձեռքից էլ գործ կու գար․ յայտնի ամբոխավար էր եւ խիստ ծեծի կողմնակից։ Կարծեմ՝ ինքնագլուխ մի սպանութեան եւ կամ մի այլ յանցանքի համար ինձնից առաջ նրան աքսորել էին Լիմ անապատ «վասն քաւութեան մեղաց»ը, բայց իրան այնտեղ էլ հանգիստ չէր պահել․ դուրս էր եկել մօտի գիւղերը, դատեր կտրել, ճգնաւորների, վարդապետների գլխին օյիններ սարքել, անապատի մէջ իր խելքով բարեփոխութիւններ մտցրել։ Եւ այդ բարեփոխութիւնների վկան էլ այն էր, որ վերցրել էր բոլոր հին մեծ հնագիտական, գեղարուեստական արժէք ունեցող պատկերներն ու վարագոյրները լուանալ էր տուել՝ կեղտերը մաքրելու համար, բայց, ի հարկէ, ամէն բան փճացրել էր։ Կարծեմ աքսորը դեռ չլրացած՝ Կոմսի ժամանակ վերադարձել էր քաղաք։ Իմ ժամանակ գիտէի, որ կազմակերպութեան հաշուին ապրում էր․ ունէր տուն եւ կարծեմ երկու քոյր թէ երկու եղբօր աղջիկներ, որոնք ապրում էին Միրզոյեան Կարոյի տունը։

Դրամական տագնապի պատճառով, ծախսերը կրճատել եւ, որոշ սահման էինք դրել։ Մի օր Գրիգորը գրգռուած մտաւ ինձ մօտ գոռում գոչումով․ յայտնեց որ ինքը չի կարող ապրել որոշուած գումարով, որ ես բռնութիւն եմ անում, հին֊գործիչներին քշել եմ ուզում, եւն․։ Պահանջեցի, որ սենեակը թողի։ Աւելի կատաղեց։ Ուրիշ ելք չկար, վար գտնուող տեղացի ընկերներին կարգադրեցի, որ քշեն։ Նրանք էլ, փոխանակ հեռացնելու, ուզեցին հանգստացնել եւ հարցնել, թէ՝ — թողէ՛ք, տեսնենք ի՞նչ է պատահել, Գրիգորը ի՞նչ է ուզում եւայլն։ Այս բանը ինձ վրայ աւելի ազդեց։

Այդ օրը մենք Փաշի Փողան «Դրախտն» էինք․ մեր տան դէմը գտնւում էր ինձ հետ պտտող զինուորական խումբը, Յարութիւնը, (ինձ հետ Պարսկաստան եկած եւ այնտեղից Մոսիի հետ հասել էր Վան), Մոսոն, Ծուռ Դաւիթը։ Ստիպուած եղայ վազել նրանց մօտ եւ կանչել։ Նրանք եկան, ի հարկէ Գրիգորին հեռացրին, բաւական անհամ միջադէպերից յետոյ։

Այս ի հարկէ, ցոյցի պէս մի բան էր, ինձ փորձել էին ուզում, կամ, աւելի ճիշդ, վախեցնել։

Նոյն գիշերը տեղական ընկերներով ժողով ունեցանք Վարդան֊Շահպազի հրաւէրով։ Գանգատուեցի, որ Ալէսը, Արմենակը եւ միւսները չէին ենթարկւում ինձ, որ իմ դէմ դաւ կայ, որ այս պայմաններում աշխատել չեմ կարող, ինչպէս եւ ամէն մարդու քմահաճոյքին տեղի տալ։ Թէոսն երդում, պատառ եկաւ, թէ եղածը թիւրիմացութիւն է, թէ նման դէպք էլ չի կրկնուի եւ թէ ինքն իր գլխով պատասխանատու է…

Դէպքը սրանով էլ փակուեց, եւ իրօք ուրիշ «ցոյց» իմ դէմ էլ տեղի չունեցաւ։

Ժողովրդական հոգեբանութեան տեսակէտից շատ բնորոշ է եւ հետեւեալը։

Բանտում մենք ունէինք բազմաթիւ քաղաքական «յանցաւոր»ներ, — ոմանք վճիռ կերած, ինչպէս Վարդդէսը, Մուշեղը եւայլն, ոմանք էլ դեռ դատի տակ։ Վերջինների համար զանազան միջոցների էինք դիմում՝ ազատելու կամ թեթեւ պատիժ վճռել տալու։

Պէտք էր լինում բռնել թուրք փաստաբան, հայ դատաւորներին տեսնել եւ խնդրել կամ, աւելի ճիշդ ասել, որ խայտառակութիւն չանին։ Շատ անգամ թուրք դատաւորներին հարկ էր լինում կաշառել կարեւոր ընկերներ ազատելու համար։

Այսպիսի աշխատանքները մեզ համար կատարում էր Նշան Էֆ․ Գալճեան՝ մի ինքնուս փաստաբան, բայց ընդունակ եւ ճարպիկ մարդ։ Եւ պէտք է խոստովանիլ, որ բաւական ժամանակ նա շատ մեծ ծառայութիւն է արել մեզ համար։ Ազատութեան ժամանակ դաշնակցական դարձաւ եւ կուլտուրական ու պետական գործերի մէջ կուսակցութեան կողմից լաւ աշխատում էր։ Վերջը ինքնագլուխ կերպով իր թեկնածութիւնը դրեց պարլամենտական ընտրութիւնների ժամանակ ու կուսակցութիւնից հեռացուեց։ Մեռաւ Կարին, պատերազմի ատեն, 1915ին։

Այդ օրերին բանտումն էր մեր ընկերներից Բիթլիսցի Արմենակ Յօխիկեանը, Սլաք կեղծ անունով։ Նա բռնուել էր Ալաշկերտի Միրզաջան գիւղում, մեր քիւրտ բարեկամ Մահմուտ բէյի տանը, կարծեմ Մոսուն եւ Զառանի արշաւանքի հետեւանքով։ Նա ներկայացել է, որպէս Պարսկաստանցի բժիշկ, իբր թէ Միրզաջան է գնացել Մահմուտ բէյի կնոջ բժշկութեան համար։ Այս բանի համար վկայութեան էր կանչել Աբաղայի Մուսթաֆա բէյին՝ Հայտարանցի աշիրաթի բէյերից մէկին, որը եկել եւ վկայում էր, թէ իրօք, Սլաքը Կարանի բժշկութիւն էր անում, եւ ինքը գիտէ, որ նա Պարսկաստանցի է… Արմենակն իրօք, Կարանի «բժշկութիւն» էր անում, ի հարկէ, մեր փոխադրական գործերը տեսնելու համար։

Հարկ կար Նշան Էֆ․ տեսնել Արմենակի դատական գործի կազմակերպան համար։ Բանտի գործը վարում էր մեծ հմտութեամբ Թէոսը, ինչպէս եւ նամակային կապը նա էր պահում։ Նշան Էֆ․ Թէոսի ազգական էր եւ անձնական բարեկամը։ Ամէն անգամ՝ նրան տեսնելու համար՝ պէտք էր լինում Նշան Էֆ․ քաղաքամիջից Այգեստան հրաւիրել։

Տեսակցութիւններն, ի հարկէ, գիշերներն էին լինում։ Կամ Նշան Էֆ․ էր գալիս Թէոսենց տունը, որ շատ կասկածելի էր, որովհետեւ Թէոսը յայտնի փախստական գործիչ էր եւ նրա տան վրայ միշտ հսկողութիւն կար։ Կամ մենք էինք գնում իր աներանց տունը՝ Արարուց կողմը Բազար Գիւրիկենր ջոջ աղենց տունը։

Երեկոյեան դէմ ես եւ Թէոսը մի քանի զինուոր ընկերներով գնում ենք Նշան Էֆ․ մօտ, որոշուած տունը։ Նոր են ընթրիքը վերջացրել (Վանում օրական երկու անգամ են ճաշում, — առաւօտեան վաղ, երբ շուկայ են գնում, եւ մէկ էլ երեկոյեան՝ շուկայից վերադարձին)։ Նստում ենք, երկար ու բարակ «բարի եկաք» «բարի տեսանք» «վըր մեր աչաց», «վըր մեր գլխուն» եւայլն։

Նշան Էֆէնտուն առաջին անգամ եմ տեսնում․ հաճելի դէմքով մի երիտասարդ է։ Երեւում է, որ մեր ներկայութիւնը ջղայնացնում է նրան, մանաւանդ վախեցնում է, թէեւ տաճկական նուրբ քաղաքավարութեամբ աշխատում է սքօղել։ Ինքը գիտէր, թէ ով եմ ես, իսկ տնեցիք՝ ոչ…

Խօսացկութիւնը, քանի որ ընդհանուր է, կատարում ենք տնեցւոց ներկայութեամբ։ Մէկ էլ տան պառաւը, որ Թէոսին բարեկամ էր գալիս, հարցրեց Թէոսին․

Թէոս աղա, քե մեռնիմ, ճի՞շդ է, որ Պ․ Բժիշկը (Կոմս) գնացել է, խա՞…

Հա, մայրիկ, գնացել է, ամա շուտով կը գայ։

Աբար, մեր տունը աւրեց․ ափսոս չէր մեր բժիշկ։ Սա նոր եկածը, կʼըսեն, ծուռ է, վեր վար չի ճանչնայ, պիղծ է (խիստ իմաստով), մեր անուշ Վանը աւրել պիտի տայ…

Ամէնքս ծիծաղից մեռնում ենք։ Խեղճ պառաւը չգիտէ, որ «պիղծը» եւ «ծուռը» դէմը նստած է… Ուշ գլխու ընկաւ…

Աբար… քէօռնամ ես… Ինչ ըրի․ մեղայ քեզ, Աստուած։ Աս էլ աղէկ կʼերեւայ։ Աստուած բարի յաջողութիւն տայ։

Բայց կարծեմ առ ի քաղաքավարութիւն էին ասուած այս խօսքերը։ Ժամանակ չկորցնելու համար անցնում ենք միւս սենեակը մեր գործին։

Նախ քան գործերի ընդհանուր ընթացքը պատմելը, կʼուզէի տալ այն փախստական եւ ոչ֊փախստական գործիչների համառօտ կենսագրականները, որոնք Վան մտած ժամանակ գործօն մասնակցութիւն ունէին կազմակերպական աշխատանքների մէջ։

Սկսինք փախստական ընկերներից։

Իշխան, Նիկոլ Միքայէլեան․ — Իշխանը Շուշեցի էր․ կրթութիւնը ստացել էր Շուշուայ թեմական դպրոցում, շարունակել էր Երեւանի թեմականում, վերջին աւարտական քննութիւնը տալով դուրս էր եկել։

Պապանեկան հասակից մտել էր յեղափոխական ասպարէզ․ եղել էր գործիչ Ալեքսանտրապոլի եւ Կարսի շրջաններում։ 1903ին մտել էր Երկիր՝ Բասեն, Մենակի հետ։ Անցել էր սահմանը՝ առաջնորդելու Նեվրուզի խումբը։ 1904ին մասնակցել էր Ուզունվերանի եւ Բամենի դաշտի կռիւներին, Նեվրուզի խմբի հետ։ Խումբի մնացորդների հետ վերադարձել էր Կովկաս եւ նոյն թուին (1904), Կոմսի հետ խմբով անցել էր Վան։

Իշխանին, ինչպէս իր տեղում ասել եմ, ես ճանաչել եմ դպրոցական օրերից։ Նրան առաջին անգամ աշակերտական զարգացողական (որ յետոյ դարձաւ յեղափոխական) խմբի մէջ մտցնողը ես եմ եղել։ Նրանց խմբի հետ պարապել եմ 2֊3 տարի։ Փոքր ժամանակից ըմբոստ բնաւորութիւն ունէր․ բայց շնորհիւ ընկերական ոգիին եւ ընդունակութիւններին, բոլորի համակրութեան էր արժանացել, թէեւ իր հասակակից ընկերները նրանից ոչ միայն ակնածում էին, այլեւ վախենում։ Դեռ աշակերտական սեղանի վրայ հայրենասէր էր եւ փորձել էր փախչել Հայաստան։

Նրան ես հանդիպել էի ե՛ւ Կարս։ Սովորական միջակ եւ ճարպիկ մի երիտասարդի տպաւորութիւն էր թողել վրաս, մի քիչ յաւակնութիւններ էր ստացած։

Ուրիշ բան չէր Վանի տպաւորութիւնը։ Այդ մի տարի տարի ու կէսը կարծես բոլորովին փոխել էր նրան։ Աւելի լուրջ էր եւ հասունցած, թէեւ 22֊23 տարեկան լինէր։

Արդէն իրեն համար ստեղծել էր հասարակական դիրք յեղափոխական ասպարէզում․ կարողացել էր կարճ ժամանակում ամբողջ Լեռնապարի շրջանի գիւղերը կազմակերպել, ժողովուրդը բաւականին զինել․ ստեղծել էր հրաշալի զինուորական խմբեր․ իսկ իր թռուցիկ խումբը, Վասպուրականի ամենաընտիր եւ ամենակտրիճ խումբն էր։ Բազմաթիւ կռիւների էր մասնակցած։ Զարմանալի ղեկավարելու, թելադրելու, կազմակերպելու շնորհք ունէր։ Նոյն շրջանում կային 10֊15 տարուայ անցեալ ունեցող գործիչներ (ինչպէս Շատախցի Յովսէփը, Նորգեցի Հաջին եւայլն), որոնք բոլորը ենթարկւում էին նրան եւ մտել էին, իբրեւ հասարակ զինուորներ, նրա խմբի մէջ։ Քրդերի մէջ արդէն անուն հանել էր իր կռիւներով եւ գործունէութեամբ․ իսկ կառավարութիւնը Վասպուրականի յեղափոխական գործիչների մէջ ամենաշատը Իշխանից էր վախենում եւ նրան հետեւում։ Նարեկի երկու կռիւների առթիւ, ադէն դատի տակ էր եւ «ղիապի» (ի բացակայութեան) «հիւքըմ» (վճիռ) կայացրին մահուան կամ 101 տարուայ բանտարկութեան, իբրեւ «էշկեա» (աւազակ)։ Այսպէս էին կանչում թուրքերը հայ յեղափոխականներին անարգելու համար։

Նրանից պատկառում էին ե՛ւ Վանի մեր ընկերներն ու զինուորները, իսկ ժողովուրդը ոչ միայն պատկառում էր, այլեւ սիրում։ Արդէն սկսել էին երգել նրա քաջագործութիւնները՝ «Իշխան եկաւ ձեռք մավիզէր»…

Կարճ․ իմ Վան մտած ժամանակ Իշխանը, կարելի է ասել, ամենահեղինակաւոր զինուորական յեղափոխականն էր[5]։

Վարդան֊Շահպազ․ — Սա Սվազի վիլայէթի Տիվրիկ գաւառիցն էր, արդէն հասակաւոր, ճերմակ մարդ էր, մեր մէջ ամենահասակաւորը։ Դրա համար էր որ «Բիձա Վարդան» էինք ասում․ արհեստով լաւ ատաղձագործ է եղել։ 90ական թուականներից Պոլսում մտել է Հ․ Յ․ Դաշնակցութեան մէջ․ Բանք Օթօման մտողներից մէկն էր, ապա աքսորուել էր Ամերիկա։

Ամերիկայից անցել էր Պարսկաստան կազմակերպական գործով։ Շնորհքով եւ հմուտ արհեստաւոր լինելով՝ մտել էր Թաւրիզի մեր զինագործական արհեստանոցը եւ մի երկու տարում սովորել էր զինագործութիւն։

Չգիտեմ, ո՜ր թուականին էր մտել Վան, իբրեւ արհեստաւոր գործիչ։ Աշխատակցել էր Վարդգէսին, իսկ նրա բռնուելուց յետոյ, մի առժամանակ կատարել էր կուսակցութեան ներկայացուցիչի դեր։ Վարդգէսի ձերբակալուելուց վերջը, սոսկալի հակազդեցութիւն է եղել Վանում․ ոչ ոք չի ուզել տուն տալ, դրամ չեն ստացել արտասահմանից, յարաբերութիւնները եւ կապերը խզուել են։ Վարդգէսի բանտարկուելուն պատճառով հասցէները բռնուել եւ փճացուել էին։ Երկար ժամանակ սոսկալի նեղութիւն են քաշել ինքը՝ Թէոսը, Ալէսը, Արմենակը, Կառկառցի Եղիիշը եւ ուրիշները․ շաբաթներով ընկած մնացել են մի խոնաւ նկուղում, առանց տաք կերակուրի, ոջիլների եւ կեղտերի մէջ կորած։ Այդ էլ բաւական չէ․ ստիպուած են եղել ձմեռով քաղաքից ելնել եւ ապաւինիլ Վարագայ լեռը․ շաբաթներով պատսպարուել են այրերի մէջ, անօթի, մերկ։

1903ին իբր պատգամաւոր գնացել էր Բուլգարիա տեղի ունեցած Դաշնակութեան Ընդհ․ Ժողովին, վերադարձել էր Երկիր 1904ին, ինչպէս իր տեղը ասացի, Տիգրանի, Մակուեցի Մեսրոպի եւ ուրիշ ընկերների հետ։

Վան մտած ժամանակս Վարդանը քաղաքումն էր։ Նրանից ստացած առաջին տպաւորութիւնս հրաշալի էր։ Խաղաղ դէմքով, ճերմկած մազերով, միջահասակ մի մարդ էր, շատ ուժեղ եւ պինդ ջիղերով, երկաթի պէս դիմացկուն։ Ձմեռը գլխաբաց եւ շապիկով էր պտտում։

Օրերով մարդերու հետ չէր խօսում․ որեւէ գործիք էր քանդում, դիտում, փորձում կամ արհեստանոցում աշխատում։ Առհասարակ ձմեռը մնում էր գաւառ — Խնձորուտ, սոսկալի նեղութեան եւ կարիքների մէջ։ Կերածը եղել է կորեկ եւ վայրի խնձոր․ շատ անգամ հասարակ թէյ անգամ չի եղել։

Վարդանը իմ աչքում միշտ եղել է մեր ժողովրդի տիպարը, — համեստ, աշխատասէր, շինարար եւ լռակեաց։

Վարդանը մնաց Վան մինչեւ Թրքական Սահմանադրութեան հրատարակութիւնը, որից յետոյ մեկնեց դէպի իր հայրենի տունը, ուր կին ունէր, որ 20 տարի էր չէր տեսել, եւ որդի ունէր, որին չէր ճանաչում։

Ազատութեան օրերին նա մի կողմից իր պարէնն էր հոգում, միւս կողմից շարունակում էր կազմակերպական յեղափոխական գործը։ Նա մեծ քանակութեամբ զէնք է մտցրել Սվազի եւ Տիվրիկի շրջանը։

1915ի Մեծ Եղեռնի օրերին՝ Վարդանին, ինչպէս եւ միւս յեղափոխական գործիչներին, կառավարութիւնը ուզեցել է թակարդ գցել, բայց նրանք, իբրեւ փորձ եւ հին յեղափոխականներ, կռահել են եւ խումբով լեռը քաշուել։

Տարի ու կէս թէ որքան նա ապրել էր իրենց գաւառի լեռները։ Լեռների գագաթը շինել էր մի գաղտնի տուն եւ իր ճակատագրին վայել ամէն սոսկումներով ապրել էր ու տոկունութեամբ սպասել, մինչեւ որ ռուսները մտել էին Երզնկա։

Վարդանին տեսայ 1917ի գարնան․ նոյն դիմացկուն, սառն եւ հանդարտ մարդն էր… Մի քանի շաբաթ ընկերներին եւ գործերին ծանօթանալով, նա նորից վերադարձաւ Երզնկա․ փորձեց մի քանի անգամ Տէրսիմից անցնել Տիվրիկ, այնտեղ եղած մնացորդները փրկել բերելու համար, բայց չյաջողուեց։

Այսօր էլ դեռ նա պատնէշի վրայ է, թուրքերի մէջ մնացած հայերի փրկութեան գործով է զբաղւում։

Ճիշդ հայ ժողովրդի նման, գլխուն հարուածում են, իսկ նա շարունակում է ապրիլ, մանաւանդ՝ շինել…

Տիգրան — Յարութիւն․ — Տիգրանի մասին արդէն վերը մի քանի խօսք ասացի․ շատ գաղափարական եւ մաքուր մարդ էր, բայց բաւական անգործնական եւ ջղային․ ժողովրդի հետ վարուել չգիտէր, հակառակ իր թափած բոլոր ջանքերին։ Պէտք է խոստովանիլ, որ թէեւ աւելի էր զոհողութիւն անում եւ ջանքեր թափում, քան մեզանից որեւիցէ մէկը, բայց մեծ արդիւնք չէր դուրս գալիս։

Բաւական կանոնաւորութիւն էր մտցրել թէ՛ Կեդրոնական Կոմիտէի եւ թէ՛ գաւառական ու գիւղական հաշուետուութեան մէջ։ Կոյր աղիքի հիւանդութիւն ունէր․ երբ ցաւը բռնում էր, դժոխային տանջանքներ էր ունենում․ լաւ չէր քայլում, այնպէս որ գործերն էլ դանդաղ էր տանում։

Մէկ անգամ Թիմար՝ Ալիւրի մէջ քիչ մնաց, որ դէպքի հանդիպի։ Թէեւ ինքը ռուսական բանակում ծառայած էր եւ լաւ նշանաձիգ էր, բայց հետը շատ փորձառու զինուորներ չկային։ Երբ, յանկարծ, լուր ստացանք, որ Ալիւրը պաշարուած է, քաղաքից զէնք եւ թնդանօթ էին տարել, կարգադրութիւններ արինք, որ մօտի գիւղերից օգնութեան գնան, իսկ քաղաքից՝ գիշերը։ Մինչ այդ, ճարպիկ Ալիւրցիք ունենում են մի ամբողջ պահարան սենեակ, որի մէջ տեղաւորում են Տիգրանին եւ խմբին։ Գիւղը թափուած զինուորներին լաւ խմցնում եւ հիւրասիրում են։ Խուզարկութիւնը արդիւնք չի տալիս։

Երեկոյեան լուր ենք առնում, որ տղաները ազատուել են։ Տիգրանը պատմում է, թէ ինքն ու ընկերները վեց ժամ շան հալ են քաշել թագստարանի մէջ։ Շատ յուզիչ է եղել մի պառաւ կնոջ արածը։ Երդիքի մօտ տանիքը նստած՝ ինքն իրեն միշտ խօսել է․ տղաներին հաղորդելով գիւղի մէջ զօրքի շարժումների մասին՝ միշտ յուսադրել է, թէ բան չկայ․ կամ հրահանգել է, որ պատրաստ լինին, դէպի իրենց են գալիս։

Հակառակ իր հիւանդութեան եւ քաշած անտանելի ցաւերին, Տիգրանը երկու տարի տոկաց Երկրի անտանելի դժուարութիւններին։ 1906ի վերջը, ընկերների ստիպման տակ, դուրս եկաւ եւ գնաց Եւրոպա վիրահատութեան։ Ընտանեկան պատճառներով Տիգրանը մի առժամանակ քաշուեց յեղափոխական ասպարէզից՝ միշտ ընկերների հետ նամակային կապ պահելով եւ միշտ երազելով Երկիրը եւ ցաւելով, որ հեռու է անմիջական ակտիւ գործից։ 1913ին, երբ Ռուբէնը պիտի երթար Մուշ, իր հետ էր վերցնում նաեւ Տիգրանին, որ այնտեղ յայտնի էր Վարդան անունով։

1913 թուականին, դպրոցական, հասարակական եւ յեղափոխական գործունէութեան մէջ, աջակից եւ փոխարինող է եղել Ռուբէնին։

1914 թուականին, երբ պատերազմը պայթեց, Կոմսը (Վահան Փափազեանը), իբրեւ մէբուս, կուսակցական ընկերների որոշումով ճամբել էին Մուշ՝ ընկերներին օգնելու։ Ճակատագրի բերմունքով այն մարդիկ, որոնք երբեմն իբրեւ թշնամի են բաժանուել, ազգային մեծ ճգնաժամին միասին են ընկնում, միատեղ աշխատելու հարկին տակ դրւում։

Սասունի կռիւներից առաջ Տիգրանը (Վարդանը) միւս ընկերների հետ քաշւում է սար, իբրեւ փախստական։ Մասնակցել է Սասունի կռիւներին, եղել է ռազմամթերքի եւ պահեստի ընդհանուր կառավարիչ եւ մեծ հմտութեամբ է ղեկավարել գործը։

Երբ եկել է ճգնաժամային րոպէն, երբ ռազմամթերքը սպառուել է ու կռուի ղեկավարները ժողովրդական մեծ ժողովում յայտներ են, որ ընդհանուր դիմադրութիւնն այլեւս անհնարին է, երբ իրար տուել են վերջին համբոյրներ, որոշելով միմեանցից բաժանուել եւ իրենց ճակատագիրը յանձնել կոյր պատահականութեանց, Տիգրանը սաստիկ ազդւում է ժողովրդի այդ յուզումնալից դրութիւնից եւ բացագանչում է․ «Հապա ի՞նչպէս թողնենք ժողովրդին մենակ ու անպաշտպան»…

Անփոյթ դէպի սեփական կեանքը, անյոյս դէպի մօտիկ ապագայի արշալոյսը՝ նա առիթներ է փնտրում սպանուելու։ Եւ այդ առիթը չի ուշանում… Տիգրանը նահատակւում է Սասունի ապստամբութիւնը ճնշուելուց մի քանի օր վերջ, մի պատահական կռուի մէջ։

Մակուեցի Մեսրոպ․— Այն ժամանակ նա յայտնի էր Մաշտոց կեղծ անունով։

Մեսրոպ բնիկ Մակուեցի էր․ իր կրթութիւնը ստացած էր իրենց գիւղի տարրական դպրոցում․ զարգացած եւ առաջ է գնացած կուսակցական կեանքի մէջ։ 90ական թուականներէն սկսած՝ եղել է կազմակերպութեան մէջ, — Կովկասից դէպի վանք եւ վանքից դէպի Երկիր։ Կտրիճ եւ լաւ նշան զարկող տղայ էր, Պարսկաստանցի ընկերների մէջ աչքի էր ընկնում եւ յարգուած։ 1904ի աշնանը Վարդանի եւ Տիգրանի հետ խմբով անցել է Վան։ Այնուհետեւ եղել է Իշխանի հետ Լեռնապարի շրջանի մէջ, մասնաւորապէս Մոկս, Կառկառ եւ Գաւաշ։ Կազմակերպական զինման եւ զինուորական կազմակերպութեան մէջ մեծ դեր է կատարել։

Սա Տիգրանի պէս դժբախտութիւն ունէր հիւանդ լինելու․ փայծաղի հիւանդութիւն ունէր, որը աւելի սոսկալի ցաւեր ունէր, եւ թոյլ էր ֆիզիքապէս։

Հիւանդութիւնը յեղափոխական կեանքի մէջ աւելի վատ է, քան մահը։

Փախստական կեանքի սարսափը, ամէն օր փոխադրուելու անհրաժեշտութիւնը, յարաշարժ կեանքը ոչ թէ քրոնիք սուր հիւանդութիւն ունեցող, այլեւ մի քիչ ֆիզիքապէս տկար ընկերների համար անտանելի էր․ իսկ սուր հիւանդութիւն ունեցողների համար՝ դժոխք։

Դրութիւնը բարդանում է մանաւանդ հիւանդի դիրքի աստիճանով։ Եթէ հիւանդը աչքի ընկած, կառավարութեան հետապնդած կեդրոնական գործիչ է, նրա բանը պրծաւ, որովհետեւ ոչ մի տեղ ոչ հանգիստ կարող է առնել եւ ոչ պառկիլ։ Այդպիսի հիւանդներին՝ տիֆ, սուր յօդացաւ, ծաղիկ եւայլն, որ հանգիստ պառկիլ է պահանջում, ընդհակառակը, շալակած, կատուի ձագի նման ամէն օր տեղափոխութիւն պէտք է անել տնից տուն։ Երբ կառավարութիւնը լսում է, որ այս ինչ գործիչը հիւանդ է, հետապնդումները եւ խուզարկութիւնները խստացնում է։

Բժշկական օգնութիւնը տալիս են ընկերները մեծ մասամբ իրենք։ Ամէն Երկիր մտնող գործիչ սովորում էր բժշկական առաջին օգնութիւն հասցնելու չափ գիտութիւն։ Շարժական դեղարանը միշտ մեզ հետ կար, նոյնպէս եւ «ընտանեկան բժշկարանը», որ կարդում էին եւ բժշկում իրար եւ ժողովուրդը։

Այդ ասպարէզի վրայ մեծ յաջողութիւն ունէր Կոմսը։ Վանում նրան անուանում էին «Բժիշկ»։ Նա յայտնի էր նաեւ «Բժիշկ» կեղծ անունով եւ կարգին բժշկութիւն էր անում։ Ամէն տուն մտնելիս, ով փորի ցաւ, աչքի ցաւ կամ 20 տարուայ ոսկրացաւ ունենար, գալիս էր Վահանից իլաջ (դեղ) ուզելու։ Վահանն էլ կամ մեր ունեցածներից էր տալիս, կամ «ընտանեկան բժշկարանից» դեղատոմս գրելով՝ Ամերիկեան դեղարան էր ճամբում։

Մի ժամանակ տեսանք, որ Վահանի բժշկութիւնը մեր վրայ թէ թանկ է նստում եւ թէ պիտի վտանգի, որովհետեւ իբրեւ բժիշկ իմաց էին տալիս դրացի բարեկամներին, եւ գալիս էին գտնում։ Մի օր Իշխանի հետ գաղտուկ որոշեցինք բժշկի «ընտանեկան բժշկարանը», այսինքն գիտութեան ամբողջ դրամագլուխը գողանալ։ Նա գիրքը պահում էր իր պայուսակի մէջ։ Մի օր յարմար առիթ գտանք, գիրքը թռցրինք եւ ուղղակի ճամբեցինք Աղթամար, որ այլեւս ձեռք չընկնի։ Սրանով էլ վերջացաւ Վահանի բժշկութիւնը։

Մեր հիւանդ ընկերներից համեմատաբար երջանիկ էին նրանք, որոնց անունը չէր տարածուած։ Այդպիսի դէպքում հիւանդին համար գտնում էինք մի վստահելի տուն, եւ ամէն դիւրութիւն ստեղծում էինք, որ բժշկուի։

Բժշկական օգնութեան գործում մեզ մեծ ծառայութիւն են մատուցել ամերիկեան բժիշկները, մանաւանդ Տոքթ․ Աշըր, որն անվախ միշտ յաճախում էր մեր հիւանդներին, ձրիաբար բժշկում եւ ոչ մի անգամ, ոչ ցերեկ եւ ոչ գիշեր չէր մերժում գալ։ Նա կատարել է նաեւ վիրաւոր ընկերների վիրաբուժական գործողութիւն եւն․։ Բացի իր անձնական օգնութիւններից՝ նա թոյլատրել էր իրենց հիւանդանոցի ֆլդշերներին եւ հիւանդապահներին, որ յաճախեն մեր հիւանդներին եւ բժշկեն։ Դեղերն էլ, ի հարկէ, նրանց դեղատնիցն էին գնում։ Ամերիկեան հիւանդանոցի եւ շրջանի տղաներից այդ տեսակէտից մեծ դեր են կատարել Վաղարշակ Տէր Յարութիւնեանը, դեղագործ Ստեփանը, հիւանդապահ Արմենակը, իսկ վերջերը նաեւ հիւանդապահ Կարապետը։

Աւելին կար․ ամերիկացի միսիոնար բժիշկներն այնքա՜ն բարի էին, որ թոյլ էին տալիս մեր փախստական յեղափոխական գործիչներին, — ի հարկէ, ոչ աչքի ընկնողներից, եւ զինուորներին տեղաւորուելու իրենց հիւանդանոցում։ Ամերիկեան հիւրընկալ հիւանդանոցի յարկի տակ ամիսներ հանգիստ պառկել եւ բժշկուել են մեր Տիգրանն ու Մեսրոպը եւ ուրիշ շատ զինուորներ։ Մենք էլ մէկ մէկ, զինուած խմբով, գիշերը գնում էինք նրանց այցելութեան։

Մեսրորը կարծեմ մի կէս տարուց աւելի չկարողացաւ մնալ Երկրի մէջ հիւանդութեան պատճառով։ Նա էլ անցաւ Պարսկաստան եւ այնտեղ շարունակեց յեղափոխական գործունէութիւնը։ Կամաւորական շարժման Ժամանակ նա Դրոյի գնդում վաշտապետ էր։ Դրոյի հետ առաջինն էր, որ մտաւ Շատախ։ Նա էր, որ գնաց իր ծանօթ շրջանները, Սպարկերտի եւ Մամրտանքի ժողովուրդը փրկեց բերաւ Մոկս, որ եւ պաշտպանեց մինչեւ նահանջի օրը․ ամենավերջինը եղաւ, որ վաշտով Վանից դէպի Բերկրի նահանջեց։


  1. «Քալաք»ը օդով լցուած տիկեր են, որոնք քով քովի կապում, վրան տախտակներ հաստատում, գետի վերի հոսանքից ձգում եւ չեղակի միւս ափը հանում։
  2. Օրինակ, Սերոբ Փաշան, Նիկոլը, Վարդանը, Սաքոն, Ախպէրը, Վազգէնը, Խանը, Կայծակ֊Վաղարչակը, Գայլ Վահանը, Աշոտ Երկաթը, Թոխմախեանը, Տուրբախը, Մուրատը, Սեպուհը, եւայլն, եւայլն, սկիզբները յայտնի են դարձել զինատար խմբերով։
  3. Վանեցիք պապի անունը երբ տալիս են թոռին, նրան ջոջ աղա (մեծ հայր) են կոչում։ Վերջերս գործածական էր պապիկ բառը։
  4. Կոչնակը եռանկիւնի ձեւով տախտակ է․ թոկով կապուած, ժամհարը մէկ ձեռքով բռնում է, միւսով զարնում։
  5. Իշխանի մասին կենսագրական գիծեր եւ յիշողութիւններ տես «Հորիզոն», 1916, թիւ 78, Ապրիլ 7։