«Շուրջերկրյա Ճանապարհորդություն «Բիգլ» Նավով»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
չ
Տող 405. Տող 405.
 
<FONT SIZE="-2">Ուղևորություն դեպի Բուենոս Այրես.— Ռիո Սաուսե.— Սիերա Վենտանա.— Երրորդ պոստը.— Ձիերի փոխադրումը.— Բոլա.— Կաքավներ և աղվեսներ.— Այդ շրջանի բնույթը.— Երկարասրուն ճեղագռավ.— Տերու-տերո.— Կարկտի տարափ.— Բնական պարիսպներ Սիերա Տաբալգուենում.— Պումայի միսը.— Մսե սնունդ.— Գվարդիա դել Մոնտե.— Անասունների ազդեցությունը բուսականության վրա.— Կարդոն.— Բուենոս Այրես.— Կորալներ, որտեղ մորթում են անասուններ։</FONT>
 
<FONT SIZE="-2">Ուղևորություն դեպի Բուենոս Այրես.— Ռիո Սաուսե.— Սիերա Վենտանա.— Երրորդ պոստը.— Ձիերի փոխադրումը.— Բոլա.— Կաքավներ և աղվեսներ.— Այդ շրջանի բնույթը.— Երկարասրուն ճեղագռավ.— Տերու-տերո.— Կարկտի տարափ.— Բնական պարիսպներ Սիերա Տաբալգուենում.— Պումայի միսը.— Մսե սնունդ.— Գվարդիա դել Մոնտե.— Անասունների ազդեցությունը բուսականության վրա.— Կարդոն.— Բուենոս Այրես.— Կորալներ, որտեղ մորթում են անասուններ։</FONT>
  
'''Սեպտեմբերի 8.'''— Ես վարձեցի մի գաուչո, որպեսզի ինձ ուղեկցեր Բուենnu Այրես գնալու համար, ինձ համար այնքան էլ հեշտ չէր ընկեր գտնելը, որովհետև մեկի հայրը, վախենալով, չէր ուզում, որ իր որդին գա ինձ հետ, իսկ մի ուրիշ մարդ թեև ուզում էր գալ, բայց ես վախենում էի նրան ինձ հետ վերցնեմ, որովհետև ինձ ասել էին, որ նա չափազանց վախկոտ է և մինչև անգամ եթե հեռվում տեսնի մի ջայլամ, կկարծի, թե հնդիկ է, և քամու նման կկորզի։ Մինչև Բուենոս Այրես հեռավորությունը մոտավորապես չորս հարյուր մղոն է (600 կիլոմետր), և գրեթե ամբողջ ճանապարհն անցնում է անմարդաբնակ վայրերով։ Մենք ճանապարհ ընկանք առավոտյան շատ վաղ, մի կանաչ հովտով, որի վրա գտնվում է Բահիա Բլանկան. մի քանի հարյուր ոտնաչափ բարձրանալուց հետո մտանք մի ընդարձակ ամայի հարթավայր։ Նա կազմված է փշրված կրա-կավային ապառից, որի վրա, շնորհիվ կլիմայի չոր բնույթի, ցրված են չորացած խոտերի փնջեր. չկա մի ծառ. կամ թփուտ, որը խանգարի այս հարթավայրի միօրինակությունը։ Եղանակը շատ լավ էր, բայց մթնոլորտն զգալիորեն մշուշոտ էր։ Ես կարծում էի, որ օդի այդ տեսքը նշան է ուժեղ քամու, բայց գաուչոն ասաց, որ այդ արդյունք է դաշտի հեռավոր խորքերի որոշ մասերում տեղի ունեցող հրդեհի։ Երկար ժամանակ ձիերը քառատրոփ վազեցնելուց և երկու անգամ փոխելուց հետո հասանք Ռիո Սաուսե։ Այս մի խորը, սրընթաց, փոքրիկ գետ է, ոբի լայնությունը քսանհինգ ոտնաչափից չի անցնում։ Բուենոս Այրեսի ճանապարհի երկրորդ պոստը գտնվում է նրա ափերին, քիչ վերևում կա ձիերի անցնելու համար մի ծանծաղուտ, որտեղ ջուրը չի հասնում ձիերի փորին։ Բայց այդտեղից սկսած մինչև, ծովը թափվելն այդ գետն այնքան սրընթաց է, որ բոլորովին անանցանելի է, ուստի և նա հանդիսանում է մի չափազանց օգտակար պատվար հնդիկներից պաշտպանվելու համար։
+
'''Սեպտեմբերի 8.'''— Ես վարձեցի մի գաուչո, որպեսզի ինձ ուղեկցեր Բուենոս Այրես գնալու համար, ինձ համար այնքան էլ հեշտ չէր ընկեր գտնելը, որովհետև մեկի հայրը, վախենալով, չէր ուզում, որ իր որդին գա ինձ հետ, իսկ մի ուրիշ մարդ թեև ուզում էր գալ, բայց ես վախենում էի նրան ինձ հետ վերցնեմ, որովհետև ինձ ասել էին, որ նա չափազանց վախկոտ է և մինչև անգամ եթե հեռվում տեսնի մի ջայլամ, կկարծի, թե հնդիկ է, և քամու նման կկորզի։ Մինչև Բուենոս Այրես հեռավորությունը մոտավորապես չորս հարյուր մղոն է (600 կիլոմետր), և գրեթե ամբողջ ճանապարհն անցնում է անմարդաբնակ վայրերով։ Մենք ճանապարհ ընկանք առավոտյան շատ վաղ, մի կանաչ հովտով, որի վրա գտնվում է Բահիա Բլանկան. մի քանի հարյուր ոտնաչափ բարձրանալուց հետո մտանք մի ընդարձակ ամայի հարթավայր։ Նա կազմված է փշրված կրա-կավային ապառից, որի վրա, շնորհիվ կլիմայի չոր բնույթի, ցրված են չորացած խոտերի փնջեր. չկա մի ծառ կամ թփուտ, որը խանգարի այս հարթավայրի միօրինակությունը։ Եղանակը շատ լավ էր, բայց մթնոլորտն զգալիորեն մշուշոտ էր։ Ես կարծում էի, որ օդի այդ տեսքը նշան է ուժեղ քամու, բայց գաուչոն ասաց, որ այդ արդյունք է դաշտի հեռավոր խորքերի որոշ մասերում տեղի ունեցող հրդեհի։ Երկար ժամանակ ձիերը քառատրոփ վազեցնելուց և երկու անգամ փոխելուց հետո հասանք Ռիո Սաուսե։ Այս մի խորը, սրընթաց, փոքրիկ գետ է, ոբի լայնությունը քսանհինգ ոտնաչափից չի անցնում։ Բուենոս Այրեսի ճանապարհի երկրորդ պոստը գտնվում է նրա ափերին, քիչ վերևում կա ձիերի անցնելու համար մի ծանծաղուտ, որտեղ ջուրը չի հասնում ձիերի փորին։ Բայց այդտեղից սկսած մինչև ծովը թափվելն այդ գետն այնքան սրընթաց է, որ բոլորովին անանցանելի է, ուստի և նա հանդիսանում է մի չափազանց օգտակար պատվար հնդիկներից պաշտպանվելու համար։
  
Չնայած այս գետի այսպես փոքր լինելուն՝ ճիզվիտ Ֆալկոները, որի վկայություններն ընդհանրապես շատ ճիշտ են, այդ անվանում է Կորդիլյերների ստորատից սկիզբ առնող մի կարևոր գետ։ Ինչ վերաբերում է նրա ակունքին, կասկածից դուրս է, որ նրա ակունքը գտնվում է Կորդիլյերներում. որովհետև գաուչոները վստահացնում էին, որ մինչև անգամ ամառվա չոր եղանակներին Կոլորադոյի հետ միասին այս գետն ունենում է պարբերական հեղեղումներ, որոնք կարող են առաջանալ միայն Անդերի ձյան հալչելուց։
+
Չնայած այս գետի այսպես փոքր լինելուն՝ ճիզվիտ Ֆալկոները, որի վկայություններն ընդհանրապես շատ ճիշտ են, այդ անվանում է Կորդիլյերների ստորոտից սկիզբ առնող մի կարևոր գետ։ Ինչ վերաբերում է նրա ակունքին, կասկածից դուրս է, որ նրա ակունքը գտնվում է Կորդիլյերներում. որովհետև գաուչոները վստահացնում էին, որ մինչև անգամ ամառվա չոր եղանակներին Կոլորադոյի հետ միասին այս գետն ունենում է պարբերական հեղեղումներ, որոնք կարող են առաջանալ միայն Անդերի ձյան հալչելուց։
  
Շատ անհավանական է թվում, որ Ռիո Սաուսեի նման մի փոքրիկ գետակ, ինչպիսին որ ես տեսնում էի այդ ժամանակ, կարող է կարել անցնել այդ ամբողջ ցամաքամասն իր լայնությամբ, իսկ եթե այդ մի մեծ գետի մնացորդ էր, նրա ջուրը, այլ ապացուցված դեպքերի նման, պետք է աղի լիներ։ Պետք է ընդունել, որ ձմեռն այս մաքուր և վճիտ գետակի ակունքները հանդիսանում են Սիերա Վենտանայի շրջապատի աղբյուրները։ Հավանորեն Պատագոնիայի հարթավայրերից, Ավստրալայի հարթավայրերի նման, անցնում են ջրի բազմաթիվ հոսանքներ, որոնք տարվա մեջ միայն որոշ պերիոդներում են լցվում ջրերով։ Ըստ երևույթին Պորտ Դեզիրեի մոտ ծովը թափվող ջուրն ունի այսպիսի բնույթ, ինչպես և Ռիո Չուպատը, որի ափերին սպաները, որոնք զբաղված էին քարտեզահանումներով, գտան խիստ ծակոտկեն շլակի զանգվածներ։
+
Շատ անհավանական է թվում, որ Ռիո Սաուսեի նման մի փոքրիկ գետակ, ինչպիսին որ ես տեսնում էի այդ ժամանակ, կարող է կտրել անցնել այդ ամբողջ ցամաքամասն իր լայնությամբ, իսկ եթե այդ մի մեծ գետի մնացորդ էր, նրա ջուրը, այլ ապացուցված դեպքերի նման, պետք է աղի լիներ։ Պետք է ընդունել, որ ձմեռն այս մաքուր և վճիտ գետակի ակունքները հանդիսանում են Սիերա Վենտանայի շրջապատի աղբյուրները։ Հավանորեն Պատագոնիայի հարթավայրերից, Ավստրալիայի հարթավայրերի նման, անցնում են ջրի բազմաթիվ հոսանքներ, որոնք տարվա մեջ միայն որոշ պերիոդներում են լցվում ջրերով։ Ըստ երևույթին Պորտ Դեզիրեի մոտ ծովը թափվող ջուրն ունի այսպիսի բնույթ, ինչպես և Ռիո Չուպատը, որի ափերին սպաները, որոնք զբաղված էին քարտեզահանումներով, գտան խիստ ծակոտկեն շլակի զանգվածներ։
  
Որովհետև երբ մենք այդտեղ ժամանեցինք, դեռ նոր էր կեսօր եղել, մեզ հետ վերցնելով որպես ուղեկից մի զինվոր և մի քանի թարմ ձիեր՝ մեկնեցինք դեպի Սիերա դե լա Վենտանա։ Այս սարը երևում է Բահիա Բլանկայում խարսխակայանից. և, ըստ կապիտան Ֆից Ռոյի, նա պետք է ունենա 3340 ոտնաչափ բարձրություն. մի բարձրություն, որը շատ նշանակալի է այս երկրամասի արևելյան կողմում։ Ինձ հայտնի չէ, թե արդյոք ինձանից առաջ որևէ ճանապարհորդ այդ սարը բարձրացել է, թե ոչ. և իսկապես, Բահիա Բլանկայում գտնվող զինվորներից շատ քչերը տեղեկություն ունեին այդ սարի մասին։ Խոսում էին այնտեղի իբր թե գոյություն ունեցող քարածխի շերտերի, ոսկու և արծաթի հանքերի, ինչպես և քարանձավների և անտառների մասին, որոնք բորբոքում էին իմ հետաքրքրությունը, հետագայում հուսախաբ լինելու համար։ Հեռավորությունը պոստից վեց փարսախ էր. նա գտնվում էր մի հարթավայրի վրա, որն ուներ նկարագրված այդ դաշտերի ընդհանուր տեսքը։ Երբ երևաց սարի իսկական ձևը, մեր ճանապարհը, որն անցնում էինք ձիով, ավելի հետաքրքրական դարձավ։ Երբ հասանք գլխավոր գագաթի ստորոտը, բավականին նեղվեցինք ջուր չլինելու, պատճառով, և համոզված էինք, որ ստիպված կլինենք գիշերն առանց ջրի անցկացնելու։ Վերջապես լեռան շատ մոտիկ մի տեղ, ուշադիր որոնումից հետո, մի քանի հարյուր յարդ հեռավորության վրա հայտնաբերեցինք մի քանի առվակներ, որոնք ամբողջովին թաղված և կորած էին փխրուն կրաքարերի և քայքայված ապառների տակ։ Չեմ կարծում, որ բնությունը երբևէ ավելի առանձնացած և ամայի ապառների կույտեր առաջացրած լինի, քան այս. նա արժանի է իր Hurtado կոչումին, որ նշանակում է անջատված։ Այս սարը շատ դիք է ու վերին աստիճանի խորտուբորտ և ծառերից, մինչև անգամ թփուտներից այնքան է զուրկ, որ մենք չէինք կարողանում պատրաստել մի շամփուր, որպեսզի ուղտափշից<ref>Ես այս բույսն անվանում եմ ուղտափուշ, որովհետև ավելի հարմար անուն չկա։ Իմ կարծիքով Eringium-ի մի տեսակն է։</ref> պատրաստած կրակի վրա բռնեինք մեր խորովելու միսը։ Այս սարի արտասովոր տեսքը ծովանման հարթավայրի նկատմամբ կազմում էր կատարյալ կոնտրաստ։ Այդ հարթավայրը ոչ միայն վերջանում է նրա դիք կողերի անմիջական տակին, այլ նաև բաժանում է զուգահեռ լեռնաշղթաները։ Գույների միօրինակությունը մի կատարյալ անդորրություն է տալիս այդ տեսարանին։ Կվարցի ապառների սպիտակավուն գորշ գույնը հարթավայրի թառամած կանաչի բաց թուխ գույների հետ միասին չեն փոխարինվում այլ, ավելի պայծառ և նուրբ երանգներով։ Սովորաբար մարդ բարձր և ցցուն լեռների շրջակայքում սպասում է տեսնել խորտուբորտ տարածություններ, որոնց վրա ամեն կողմ տարածված են մեծ բեկորներ։ Այստեղ բնությունը կարծեք թե ցույց է տալիս, որ ծովի հատակը ցամաքի փոխվելուց առաջ տեղի ունեցող վերջին շարժումը երբեմն կարող է շատ հանդարտ լինել։ Ես հետաքրքրվում էի իմանալու, թե այսպիսի պայմաններում մայր ապառից որչափ հեռու կարելի է խճեր գտնել։ Բահիա Բլանկայի ծովափերին և գաղթավայրի շրջակայքում գտնվեցին կվարցի խճեր, որոնք, իհարկե, այս աղբյուրից պիտի բերված լինեին. այդ հեռավորությունը քառասունհինգ մղոն է։
+
Որովհետև երբ մենք այդտեղ ժամանեցինք, դեռ նոր էր կեսօր եղել, մեզ հետ վերցնելով որպես ուղեկից մի զինվոր և մի քանի թարմ ձիեր՝ մեկնեցինք դեպի Սիերա դե լա Վենտանա։ Այս սարը երևում է Բահիա Բլանկայում խարսխակայանից. և, ըստ կապիտան Ֆից Ռոյի, նա պետք է ունենա 3340 ոտնաչափ բարձրություն. մի բարձրություն, որը շատ նշանակալի է այս երկրամասի արևելյան կողմում։ Ինձ հայտնի չէ, թե արդյոք ինձանից առաջ որևէ ճանապարհորդ այդ սարը բարձրացել է, թե ոչ. և իսկապես, Բահիա Բլանկայում գտնվող զինվորներից շատ քչերը տեղեկություն ունեին այդ սարի մասին։ Խոսում էին այնտեղի իբր թե գոյություն ունեցող քարածխի շերտերի, ոսկու և արծաթի հանքերի, ինչպես և քարանձավների և անտառների մասին, որոնք բորբոքում էին իմ հետաքրքրությունը, հետագայում հուսախաբ լինելու համար։ Հեռավորությունը պոստից վեց փարսախ էր. նա գտնվում էր մի հարթավայրի վրա, որն ուներ նկարագրված այդ դաշտերի ընդհանուր տեսքը։ Երբ երևաց սարի իսկական ձևը, մեր ճանապարհը, որն անցնում էինք ձիով, ավելի հետաքրքրական դարձավ։ Երբ հասանք գլխավոր գագաթի ստորոտը, բավականին նեղվեցինք ջուր չլինելու պատճառով, և համոզված էինք, որ ստիպված կլինենք գիշերն առանց ջրի անցկացնելու։ Վերջապես լեռան շատ մոտիկ մի տեղ, ուշադիր որոնումից հետո, մի քանի հարյուր յարդ հեռավորության վրա հայտնաբերեցինք մի քանի առվակներ, որոնք ամբողջովին թաղված և կորած էին փխրուն կրաքարերի և քայքայված ապառների տակ։ Չեմ կարծում, որ բնությունը երբևէ ավելի առանձնացած և ամայի ապառների կույտեր առաջացրած լինի, քան այս. նա արժանի է իր Hurtado կոչումին, որ նշանակում է անջատված։ Այս սարը շատ դիք է ու վերին աստիճանի խորտուբորտ և ծառերից, մինչև անգամ թփուտներից այնքան է զուրկ, որ մենք չէինք կարողանում պատրաստել մի շամփուր, որպեսզի ուղտափշից<ref>Ես այս բույսն անվանում եմ ուղտափուշ, որովհետև ավելի հարմար անուն չկա։ Իմ կարծիքով Eringium-ի մի տեսակն է։</ref> պատրաստած կրակի վրա բռնեինք մեր խորովելու միսը։ Այս սարի արտասովոր տեսքը ծովանման հարթավայրի նկատմամբ կազմում էր կատարյալ կոնտրաստ։ Այդ հարթավայրը ոչ միայն վերջանում է նրա դիք կողերի անմիջական տակին, այլ նաև բաժանում է զուգահեռ լեռնաշղթաները։ Գույների միօրինակությունը մի կատարյալ անդորրություն է տալիս այդ տեսարանին։ Կվարցի ապառների սպիտակավուն գորշ գույնը հարթավայրի թառամած կանաչի բաց թուխ գույների հետ միասին չեն փոխարինվում այլ, ավելի պայծառ և նուրբ երանգներով։ Սովորաբար մարդ բարձր և ցցուն լեռների շրջակայքում սպասում է տեսնել խորտուբորտ տարածություններ, որոնց վրա ամեն կողմ տարածված են մեծ բեկորներ։ Այստեղ բնությունը կարծեք թե ցույց է տալիս, որ ծովի հատակը ցամաքի փոխվելուց առաջ տեղի ունեցող վերջին շարժումը երբեմն կարող է շատ հանդարտ լինել։ Ես հետաքրքրվում էի իմանալու, թե այսպիսի պայմաններում մայր ապառից որչափ հեռու կարելի է խճեր գտնել։ Բահիա Բլանկայի ծովափերին և գաղթավայրի շրջակայքում գտնվեցին կվարցի խճեր, որոնք, իհարկե, այս աղբյուրից պիտի բերված լինեին. այդ հեռավորությունը քառասունհինգ մղոն է։
  
Թամբյաշորերը, որոնց տակ մենք քնել էինք, գիշերվա առաջին մասում թրջվել էին նրանց վրա իջած ցողից, որն առավոտյան սառել էր։ Այդ հարթավայրը, թեև երևում էր հորիզոնական, ուներ որոշ անզգալի թեքություն, որի բարձրությունը, ծովի մակերևույթից հաշված, այդտեղ հասնում էր 800-ից մինչև 900 ոտնաչափի։ Առավոտյան (սեպտեմբերի 9-ին) ուղեկիցս ինձ առաջարկեց բարձրանալ ամենամոտիկ բարձունքը, որն, ըստ նրա կարծիքի, ինձ ճանապարհ կտար դեպի այն չորս գագաթները, որոնք պսակում են ընդհանուր կատարը։ Այսպիսի խորտուբորտ լեռներից բարձրանալը վերին աստիճանի հոգնեցուցիչ էր։ Լանջերն այնքան անկանոն էին, որ հաճախ բարձրանալիս ինչ որ շահում էինք հինգ րոպեում, կորցնում էինք հաջորդ հինգ րոպեում։ Վերջապես երբ հասա բարձունքը, իմ հիասթափությունը չափազանց մեծ էր. մեր առջև բացեց մի գահավեժ հովիտ, որն այնքան խոր էր, որքան այն հարթավայրը, որը շղթան տրանսվերսալ ձևով բաժանում էր երկու մասի և ինձ բաժանում չորս գագաթներից։ Այս հովիտը շատ նեղ է, բայց ունի տափակ հատակ, և նա հանդիսանում է հնդիկների ձիերի համար անցնելու հարմար տեղ, որովհետև նա միացնում է շղթայի հյուսիսային և հարավային կողմերում գտնվող հարթավայրերը։ Իջնելով ներքև և անցնելով հովտից՝ ես նկատեցի արածող երկու ձի, անմիջապես թաքնվեցի բարձր կանաչ խոտի մեջ և սկսեցի դիտել շրջապատս, բայց որովհետև ես ոչ մի հնդիկի հետք չնկատեցի, զգուշությամբ սկսեցի երկրորդ վերելքը։ Արդեն ուշ էր, և լեռան այս մասը մյուս մասի նման զառիվայր էր և խորտուբորտ։ Ժամը երկուսին գտնվում էի երկրորդ գագաթի վրա, բայց ես բարձրացա հ մեծ դժվարությամբ. յուրաքանչյուր քսան յարդի վրա ես ունենում էի միաժամանակ երկու ազդրերի վերին մասերում ջղակծկումներ, այնպես որ վախենում էի, թե չկարողանամ նորից իջնել ներքև։ Անհրաժեշտ էր նաև վերադառնալ մի այլ ճանապարհով, որովհետև լեռան թամբով վերադառնալու մասին մտածելը բոլորովին իզուր էր։ Ուստի ես ստիպված էի հրաժարվելու մյուս երկու բարձր գագաթները բարձրանալու մտքից. նրանց բարձրությունը մյուսներից, շատ քիչ բանով էր տարբերվում, և երկրաբանական բոլոր նպատակները բավարարված էին. այնպես որ չէր արժենա ենթարկվել այնպիսի փորձությունների, որ կարող էին առաջանալ բարձրանալիս։ Ենթադրում եմ, որ ջղաձգության պատճառը մկանային գործունեության տեսակների մեծ փոփոխությունն էր,— մի կողմից ձի նստելը, որը բավականին հոգնեցուցիչ էր, և մյուս կողմից սար մագլցելը, որ ավելի հոգնեցուցիչ էր։ Այդ մի դաս է և արժե միշտ հիշել, որովհետև որոշ դեպքերում այդ կարող է մեծ դժվարություններ պատճառել։
+
Թամբաշորերը, որոնց տակ մենք քնել էինք, գիշերվա առաջին մասում թրջվել էին նրանց վրա իջած ցողից, որն առավոտյան սառել էր։ Այդ հարթավայրը, թեև երևում էր հորիզոնական, ուներ որոշ անզգալի թեքություն, որի բարձրությունը, ծովի մակերևույթից հաշված, այդտեղ հասնում էր 800-ից մինչև 900 ոտնաչափի։ Առավոտյան (սեպտեմբերի 9-ին) ուղեկիցս ինձ առաջարկեց բարձրանալ ամենամոտիկ բարձունքը, որն, ըստ նրա կարծիքի, ինձ ճանապարհ կտար դեպի այն չորս գագաթները, որոնք պսակում են ընդհանուր կատարը։ Այսպիսի խորտուբորտ լեռներից բարձրանալը վերին աստիճանի հոգնեցուցիչ էր։ Լանջերն այնքան անկանոն էին, որ հաճախ բարձրանալիս ինչ որ շահում էինք հինգ րոպեում, կորցնում էինք հաջորդ հինգ րոպեում։ Վերջապես երբ հասա բարձունքը, իմ հիասթափությունը չափազանց մեծ էր. մեր առջև բացվեց մի գահավեժ հովիտ, որն այնքան խոր էր, որքան այն հարթավայրը, որը շղթան տրանսվերսալ ձևով բաժանում էր երկու մասի և ինձ բաժանում չորս գագաթներից։ Այս հովիտը շատ նեղ է, բայց ունի տափակ հատակ, և նա հանդիսանում է հնդիկների ձիերի համար անցնելու հարմար տեղ, որովհետև նա միացնում է շղթայի հյուսիսային և հարավային կողմերում գտնվող հարթավայրերը։ Իջնելով ներքև և անցնելով հովտից՝ ես նկատեցի արածող երկու ձի, անմիջապես թաքնվեցի բարձր կանաչ խոտի մեջ և սկսեցի դիտել շրջապատս, բայց որովհետև ես ոչ մի հնդիկի հետք չնկատեցի, զգուշությամբ սկսեցի երկրորդ վերելքը։ Արդեն ուշ էր, և լեռան այս մասը մյուս մասի նման զառիվայր էր և խորտուբորտ։ Ժամը երկուսին գտնվում էի երկրորդ գագաթի վրա, բայց ես բարձրացա մեծ դժվարությամբ. յուրաքանչյուր քսան յարդի վրա ես ունենում էի միաժամանակ երկու ազդրերի վերին մասերում ջղակծկումներ, այնպես որ վախենում էի, թե չկարողանամ նորից իջնել ներքև։ Անհրաժեշտ էր նաև վերադառնալ մի այլ ճանապարհով, որովհետև լեռան թամբով վերադառնալու մասին մտածելը բոլորովին իզուր էր։ Ուստի ես ստիպված էի հրաժարվելու մյուս երկու բարձր գագաթները բարձրանալու մտքից. նրանց բարձրությունը մյուսներից շատ քիչ բանով էր տարբերվում, և երկրաբանական բոլոր նպատակները բավարարված էին. այնպես որ չէր արժենա ենթարկվել այնպիսի փորձությունների, որ կարող էին առաջանալ բարձրանալիս։ Ենթադրում եմ, որ ջղաձգության պատճառը մկանային գործունեության տեսակների մեծ փոփոխությունն էր,— մի կողմից ձի նստելը, որը բավականին հոգնեցուցիչ էր, և մյուս կողմից սար մագլցելը, որ ավելի հոգնեցուցիչ էր։ Այդ մի դաս է և արժե միշտ հիշել, որովհետև որոշ դեպքերում այդ կարող է մեծ դժվարություններ պատճառել։
  
 
Արդեն ասել եմ, որ այս սարը բաղկացած է սպիտակ կվարցի ապառից, նրան զուգակցում են նաև փոքր քանակությամբ կավային ողորկ հերձաքարեր։ Հարթավայրից մի քանի հարյուր ոտնաչափ բարձրության վրա մի քանի տեղ կոնգլոմերատի կույտերը կպել էին պինդ ապառին։ Նրանք իրենց կարծրությամբ և ցեմենտային բնույթով նման էին այն զանգվածներին, որոնք ամեն օր առաջանում են մի քանի ծովափերում։ Ես չեմ կասկածում, որ այս խճերի ագրեգատները կազմվել են միևնույն ձևով, այդ կատարվել է այն ժամանակաշրջանում, երբ մեծ կրաքարային ֆորմացիան նստած է եղել շրջապատի ծովերի տակ։ Մենք պետք է ենթադրենք, որ կարծր կվարցի ատամնավոր և կորացած ձևերը ցույց են տալիս բաց օվկիանոսի ալիքների ազդեցությունները։
 
Արդեն ասել եմ, որ այս սարը բաղկացած է սպիտակ կվարցի ապառից, նրան զուգակցում են նաև փոքր քանակությամբ կավային ողորկ հերձաքարեր։ Հարթավայրից մի քանի հարյուր ոտնաչափ բարձրության վրա մի քանի տեղ կոնգլոմերատի կույտերը կպել էին պինդ ապառին։ Նրանք իրենց կարծրությամբ և ցեմենտային բնույթով նման էին այն զանգվածներին, որոնք ամեն օր առաջանում են մի քանի ծովափերում։ Ես չեմ կասկածում, որ այս խճերի ագրեգատները կազմվել են միևնույն ձևով, այդ կատարվել է այն ժամանակաշրջանում, երբ մեծ կրաքարային ֆորմացիան նստած է եղել շրջապատի ծովերի տակ։ Մենք պետք է ենթադրենք, որ կարծր կվարցի ատամնավոր և կորացած ձևերը ցույց են տալիս բաց օվկիանոսի ալիքների ազդեցությունները։
  
Ընդհանուր առմամբ ես հիասթափված էի իմ այu ձեռնարկությունից։ Մինչև անգամ տեսարանը չուներ առանձին նշանակություն։ Մի հարթավայր՝ նման ծովի, առանց նրա գեղեցիկ գույնի և որոշակի եզրերի։ Այնուամենայնիվ տեսարանը նորություն էր, և մի փոքրիկ վտանգ այդ վայրին տվել էր աոանձին վայելչություն, ինչպես աղը մսին տալիս է առանձին համ։ Այդ վտանգն անկասկած փոքր էր. այդ իմ երկու ընկերների խարաույկ պատրաստելն էը,— մի բան, որ երբեք չի կարելի անել, եթե կասկած կա, թե հնդիկները մոտիկ են։ Արևը մայր էր մտնում, երբ ես հասա մեր բացօթյա օթևանը. խմելով բավականին շատ մաթե և ծխելով մի քանի գլանակ՝ շուտով պատրաստեցի անկողինս՝ գիշերելու համար։ Քամին շատ ուժեղ էր և ցուրտ, բայց ես երբեք ավելի հանգեստ չեմ քնել, քան այդ գիշեր։
+
Ընդհանուր առմամբ ես հիասթափված էի իմ այս ձեռնարկությունից։ Մինչև անգամ տեսարանը չուներ առանձին նշանակություն։ Մի հարթավայր՝ նման ծովի, առանց նրա գեղեցիկ գույնի և որոշակի եզրերի։ Այնուամենայնիվ տեսարանը նորություն էր, և մի փոքրիկ վտանգ այդ վայրին տվել էր առանձին վայելչություն, ինչպես աղը մսին տալիս է առանձին համ։ Այդ վտանգն անկասկած փոքր էր. այդ իմ երկու ընկերների խարույկ պատրաստելն էր,— մի բան, որ երբեք չի կարելի անել, եթե կասկած կա, թե հնդիկները մոտիկ են։ Արևը մայր էր մտնում, երբ ես հասա մեր բացօթյա օթևանը. խմելով բավականին շատ մաթե և ծխելով մի քանի գլանակ՝ շուտով պատրաստեցի անկողինս՝ գիշերելու համար։ Քամին շատ ուժեղ էր և ցուրտ, բայց ես երբեք ավելի հանգեստ չեմ քնել, քան այդ գիշեր։
  
'''Սեպտեմբերի 10.'''— Առավոտյան կատարելապես խույս տալով քամուց՝ կեսօրին հասանք Սաուսե պոստը։ Ճանապարհին տեսանք բազմաթիվ եղջերուներ, իսկ լեռան մոտ՝ մի գուանակո։ Այս դաշտը, որը վերջանում է Սիերայի տակ, կտրում անցնում են մի ֊քանի հետաքրքրական հեղեղատներ, որոնցից մեկն ուներ մոտ քսան ոտնաչափ լայնություն և առնվազն երեսուն ոտնաչափ խորություն։ Այդ պատճառով էլ մենք ճանապարհ կամ անցք գտնելու համար ստիպված էինք երկար պտույտներ կատարել։ Այդ գիշերն անցկացրինք պոստում. մեր խոսակցության նյութը, ինչպես առհասարակ, հնդիկներն էին։ Առաջ Սիերա Վենտանան մի մեծ հավաքավայր էր եղել, և երեք-չորս տարի առաջ այնտեղ երկար կռիվներ էին տեղի ունեցել։ Իմ առաջնորդն ականատես էր եղել հնդիկների կոտորածներին։ Կանայք փախել ապաստանել էին սարի գագաթը և ամենահուսահատական ձևով շարունակել իրենց, կռիվը քարերով. նրանցից շատերն այսպիսով փրկել էին իրենց կյանքը։
+
'''Սեպտեմբերի 10.'''— Առավոտյան կատարելապես խույս տալով քամուց՝ կեսօրին հասանք Սաուսե պոստը։ Ճանապարհին տեսանք բազմաթիվ եղջերուներ, իսկ լեռան մոտ՝ մի գուանակո։ Այս դաշտը, որը վերջանում է Սիերայի տակ, կտրում անցնում են մի քանի հետաքրքրական հեղեղատներ, որոնցից մեկն ուներ մոտ քսան ոտնաչափ լայնություն և առնվազն երեսուն ոտնաչափ խորություն։ Այդ պատճառով էլ մենք ճանապարհ կամ անցք գտնելու համար ստիպված էինք երկար պտույտներ կատարել։ Այդ գիշերն անցկացրինք պոստում. մեր խոսակցության նյութը, ինչպես առհասարակ, հնդիկներն էին։ Առաջ Սիերա Վենտանան մի մեծ հավաքավայր էր եղել, և երեք-չորս տարի առաջ այնտեղ երկար կռիվներ էին տեղի ունեցել։ Իմ առաջնորդն ականատես էր եղել հնդիկների կոտորածներին։ Կանայք փախել ապաստանել էին սարի գագաթը և ամենահուսահատական ձևով շարունակել իրենց, կռիվը քարերով. նրանցից շատերն այսպիսով փրկել էին իրենց կյանքը։
  
'''Սեպտեմբերի 11.'''— Մենք առաջացանք դեպի երրորդ պոստը. մեզ ընկերակցում էր այդ պոստի հրամանատար լեյտենանտը։ Այդ հեռավորությունը հաշվում են տասնհինգ փարսախ, բայց այդ ենթադրությամբ են ասում և ընդհանրապես ավելի են ասում, քան իրականում կա։ Ճանապարհն անհետաքրքրական էր. նա անցնում էր չոր հարթավայրով, ծածկված խոտով. մեր ձախ կողմում, որոշ հեռավորության վրա կային ցածր բլուրներ,  
+
'''Սեպտեմբերի 11.'''— Մենք առաջացանք դեպի երրորդ պոստը. մեզ ընկերակցում էր այդ պոստի հրամանատար լեյտենանտը։ Այդ հեռավորությունը հաշվում են տասնհինգ փարսախ, բայց այդ ենթադրությամբ են ասում և ընդհանրապես ավելի են ասում, քան իրականում կա։ Ճանապարհն անհետաքրքրական էր. նա անցնում էր չոր հարթավայրով, ծածկված խոտով. մեր ձախ կողմում, որոշ հեռավորության վրա կային ցածր բլուրներ, որոնց շարունակությունը, որ մենք անցանք, գտնվում էր պոստին մոտիկ։ Նախքան տեղ հասնելը մենք հանդիպեցինք խոշոր եղջերավոր անասունների և ձիերի մի մեծ հոտի, որին հսկում էին տասնհինգ զինվոր, մեզ ասացին, որ բազմաթիվ կենդանիներ են կորել։ Հարթավայրից անասուններ անցկացնելը չափազանց դժվար գործ է, որովհետև եթե գիշերը մի պումա կամ մինչև անգամ աղվես մոտենում է նրանց, ոչ մի բան, չի կարող կանգնեցնել նրանց ցրվելը. նրանք ցրվում են բոլոր ուղղություններով։ Նույն հետևանքներն են առաջացնում նաև ուժեղ քամիները։ Վերջին ժամանակները մի սպա դուրս է գալիս Բուենոս Այրեսից՝ իր հետ տանելով հինգ հարյուր ձի. բանակին հասնելիս ձիերի թիվը քսանից ցած է լինում։
 
+
որոնց շարունակությունը, որ մենք անցանք, գտնվում էր պոստին մոտիկ։ Նախքան տեղ հասնելը մենք հանդիպեցինք խոշոր եղջերավոր անասունների և ձիերի մի մեծ հոտի, որին հսկում էին տասնհինգ զինվոր, մեզ ասացին, որ բազմաթիվ կենդանիներ են կորել։ Հարթավայրից անասուններ անցկացնելը չափազանց դժվար գործ է, որովհետև եթե գիշերը մի պումա կամ մինչև անգամ աղվես մոտենում է նրանց,ոչ մ ի բան, չի կարող կանգնեցնել նրանց ցրվելը. նրանք ցրվում են բոլոր ուղղություններով։ Նույն հետևանքներն են առաջացնում նաև ուժեղ քամիները։ Վերջին ժամանակները մի սպա դուրս է գալիս Բուենոս Այրեսից՝ իր հետ տանելով հինգ հարյուր ձի. բանակին հասնելիս ձիերի թիվը քսանից ցած է լինում։
+
  
 
Քիչ հետո մենք առաջացող փոշու ամպերից գուշակեցինք, որ դեպի մեզ է գալիս ձիավորների մի խումբ. դեռ նրանք բավականին հեռու էին մեզնից, բայց իմ ընկերն արդեն գիտեր, որ նրանք հնդիկներ են, որովհետև հնդիկները պահում են երկար մազեր, որոնք տարածվում են նրանց հետևը։ Հնդիկները սովորաբար իրենց գլխի շուրջը ժապավեն են ունենում, բայց երբեք գլխարկ չեն դնում և նրանց սև մազերը, որոնք տարածվում են թխագույն դեմքերին, անսովոր աստիճանի բարձրացնում են նրանց արտաքին տեսքի վայրագությունը։ Պարզվեց, որ նրանք պատկանում են Բերնանցիոյի բարեկամական ցեղին և գնում են մի սալինա՝ աղի համար։ Հնդիկները աղ շատ են ուտում, նրանց երեխաներն աղը ծծում են ինչպես շաքար։ Նրանց այս սովորությունը շատ տարբերվում է սպանացի գաուչոյի սովորությունից, որը թեև միևնույն տեսակի կյանք է վարում, բայց աղ շատ քիչ է գործածում։
 
Քիչ հետո մենք առաջացող փոշու ամպերից գուշակեցինք, որ դեպի մեզ է գալիս ձիավորների մի խումբ. դեռ նրանք բավականին հեռու էին մեզնից, բայց իմ ընկերն արդեն գիտեր, որ նրանք հնդիկներ են, որովհետև հնդիկները պահում են երկար մազեր, որոնք տարածվում են նրանց հետևը։ Հնդիկները սովորաբար իրենց գլխի շուրջը ժապավեն են ունենում, բայց երբեք գլխարկ չեն դնում և նրանց սև մազերը, որոնք տարածվում են թխագույն դեմքերին, անսովոր աստիճանի բարձրացնում են նրանց արտաքին տեսքի վայրագությունը։ Պարզվեց, որ նրանք պատկանում են Բերնանցիոյի բարեկամական ցեղին և գնում են մի սալինա՝ աղի համար։ Հնդիկները աղ շատ են ուտում, նրանց երեխաներն աղը ծծում են ինչպես շաքար։ Նրանց այս սովորությունը շատ տարբերվում է սպանացի գաուչոյի սովորությունից, որը թեև միևնույն տեսակի կյանք է վարում, բայց աղ շատ քիչ է գործածում։
Տող 429. Տող 427.
 
Ըստ Մունգո Պարկի<ref>„Travels in Africa”, p. 233.</ref> այն ժողովուրդներն են ունենում աղ գործածելու անհաղթելի ցանկություն, որոնք բուսական սննդանյութերով են ապրում։ Հնդիկները մեզ գլխով ուրախ բարևներ էին տալիս և արագ քշում անցնում։ Նրանք իրենց առաջից քշում էին ձիերի մի երամակ, հետևից տանելով մի խումբ վտիտ շներ։
 
Ըստ Մունգո Պարկի<ref>„Travels in Africa”, p. 233.</ref> այն ժողովուրդներն են ունենում աղ գործածելու անհաղթելի ցանկություն, որոնք բուսական սննդանյութերով են ապրում։ Հնդիկները մեզ գլխով ուրախ բարևներ էին տալիս և արագ քշում անցնում։ Նրանք իրենց առաջից քշում էին ձիերի մի երամակ, հետևից տանելով մի խումբ վտիտ շներ։
  
'''Սեպտեմբերի 12 և 13.'''— Այս պոստում ես մնացի երկու օր՝ սպասելով զինվորների մի խմբի, որոնք շուտով ուղևորվելու էին դեպի Բուենոս Այրես, ինչպես այդ մասին ինձ հաղորդել էր գեներալ Ռոսասը՝ խորհուրդ տալով օգտվելու առիթից և ճանապարհորդելու նրանց հետ։ Առավոտյան ձիերով բարձրացանք մոտակա մի բլուր՝ շրջակայքը դիտելու և նրա. երկրաբանությունն ուսումնասիրելու համար։ Ճաշից հետո զինվորները բաժանվեցին երկու խմբի՝ բոլայի վարժություններ կատարելու համար։ Գետնին երեսունհինգ կանգուն իրարից հեռու տնկեցին երկու նիզակ, բայց նրանց խփում և փաթաթում էին յուրաքանչյուր չորս-հինգ փորձից հետո։ Գնդակները կարելի է նետել հիսունից մինչև վաթսուն կանգուն, բայց քչերն էին հասցնում ճիշտ նպատակին։ Սակայն այս չի վերաբերում ձի հեծած մարդուն, որովհետև երր ձիու արագությունը գումարվում է թևի ուժին, այդ դեպքում հնարավոր է պտտեցնելով նետել մինչև ութսուն կանգուն, միաժամանակ հասցնելով այն նպատակին։ Նրանց հարվածի ուժի մասին գաղափար տալու համար ես կարող եմ հիշատակել մի դեպք, որը կատարվել է Ֆալկլանդական կղզիներում, որտեղ սպանացիներն սպանում են իրենց հայրենակիցներից մի քանիսին և բոլոր անգլիացիներին։ Մի երիտասարդ սպանացի փախչում է, և Լուցիանո անունով մի բարձրահասակ մարդ ձին լրիվ քառասմբակով վազեցնելով ընկնում է նրա հետևից, բղավելով, որ նա կանգնի, միաժամանակ խոստանալով ոչինչ չանել, այլ մի երկու խոսք ասել միայն։ Երբ սպանացին շարունակելով վազելը՝ քիչ է մնում, որ հասնի նավին, Լուցիանոն նետում է գնդակները։ Գնդակներն այնպիսի ցնցումով են դիպչում նրա սրունքներին, որ գետին են գլորում մարդուն և որոշ ժամանակ պահում ուշաթափ վիճակում։ Լուցիանոն նրա հետ խոսելուց հետո թույլ է տալիս նրան փախչելու։ Այդ սպանացին մեզ պատմում էր, որ իր սրունքների վրա, որտեղ փոկը փաթաթվել էր, այնպիսի խորը հետքեր էին մնացել, որ կարծեք թե մտրակով էին հարվածել։ Կեսօրին այնտեղ ժամանեցին երկու մարդ, որոնք հարևան պոտից բերել էին մի ծրար՝ գեներալին ուղարկելու համար, այնպես որ մեր խումբն այդ երեկո, բացի այս երկուսից, բաղկացած էր իմ ուղեկցից, ինձնից, լեյտենանտից և չորս զինվորից։ Վերջինները շատ տարօրինակ մարդիկ էին. առաջինը մի գեղեցիկ երիտասարդ նեգր էր, երկրորդը՝ կես հնդիկ և կես նեգր, իսկ մյուս երկուսն աննկարագրելի մարդիկ էին — մեկը չիլիացի ծեր հանքափոր էր՝ մահոգանու<ref>Մահոգանի — ծառ, որի փայտն ունի կարմիր գույն։ ''Ծ. Թ.''</ref> գույնի, իսկ մյուսը՝ մասամբ խառնածին։ Ես երբեք չէի տեսել նման երկու խառնածիններ՝ այդպիսի գարշելի արտահայտություններով։ Գիշերը, երբ նրանք նստում էին կրակի շուրջը և թուղթ խաղում, ես քաշվում էի մի կողմ՝ դիտելու այդպիսի սալվադոր-ռոզայական<ref>Ռոզա Սալվադոր — իտալացի նկարիչ (1615—1673)։ ''Ծ. Թ.''</ref> տեսարանի։ Նրանք նստած էին ցածր ժայռի տակ, այնպես որ ես կարող էի նայել ներքև նրանց վրա, խմբի շուրջը փռվել էին շներ, զենքեր, եղջերուի և ջայլամների մնացորդներ, իսկ նրանց երկար նիզակները խրված էին գետնին։ Իրենցից քիչ հեռու մթության մեջ կապված էին նրանց ձիերը՝ բոլորովին պատրաստ որևէ հանկարծակի վտանգի համար։ Եթե ամայի հարթավայրի անդորրությունը խանգարվեր շներից մեկի հաչոցով, զինվորներից մեկը հեռանալով կրակից՝ գլուխը կդներ գետնին և այդպիսով դանդաղ և զգույշ կզններ հորիզոնը։ Մինչև անգամ եթե աղմկարար տերու-տերոն արձակում էր իր ճիչերը, անմիջապես դադարում էր խոսակցությունը, և յուրաքանչյուր գլուխ մի պահ խոնարհվում էր ներքև։
+
'''Սեպտեմբերի 12 և 13.'''— Այս պոստում ես մնացի երկու օր՝ սպասելով զինվորների մի խմբի, որոնք շուտով ուղևորվելու էին դեպի Բուենոս Այրես, ինչպես այդ մասին ինձ հաղորդել էր գեներալ Ռոսասը՝ խորհուրդ տալով օգտվելու առիթից և ճանապարհորդելու նրանց հետ։ Առավոտյան ձիերով բարձրացանք մոտակա մի բլուր՝ շրջակայքը դիտելու և նրա երկրաբանությունն ուսումնասիրելու համար։ Ճաշից հետո զինվորները բաժանվեցին երկու խմբի՝ բոլայի վարժություններ կատարելու համար։ Գետնին երեսունհինգ կանգուն իրարից հեռու տնկեցին երկու նիզակ, բայց նրանց խփում և փաթաթում էին յուրաքանչյուր չորս-հինգ փորձից հետո։ Գնդակները կարելի է նետել հիսունից մինչև վաթսուն կանգուն, բայց քչերն էին հասցնում ճիշտ նպատակին։ Սակայն այս չի վերաբերում ձի հեծած մարդուն, որովհետև երբ ձիու արագությունը գումարվում է թևի ուժին, այդ դեպքում հնարավոր է պտտեցնելով նետել մինչև ութսուն կանգուն, միաժամանակ հասցնելով այն նպատակին։ Նրանց հարվածի ուժի մասին գաղափար տալու համար ես կարող եմ հիշատակել մի դեպք, որը կատարվել է Ֆալկլանդական կղզիներում, որտեղ սպանացիներն սպանում են իրենց հայրենակիցներից մի քանիսին և բոլոր անգլիացիներին։ Մի երիտասարդ սպանացի փախչում է, և Լուցիանո անունով մի բարձրահասակ մարդ ձին լրիվ քառասմբակով վազեցնելով ընկնում է նրա հետևից, բղավելով, որ նա կանգնի, միաժամանակ խոստանալով ոչինչ չանել, այլ մի երկու խոսք ասել միայն։ Երբ սպանացին շարունակելով վազելը՝ քիչ է մնում, որ հասնի նավին, Լուցիանոն նետում է գնդակները։ Գնդակներն այնպիսի ցնցումով են դիպչում նրա սրունքներին, որ գետին են գլորում մարդուն և որոշ ժամանակ պահում ուշաթափ վիճակում։ Լուցիանոն նրա հետ խոսելուց հետո թույլ է տալիս նրան փախչելու։ Այդ սպանացին մեզ պատմում էր, որ իր սրունքների վրա, որտեղ փոկը փաթաթվել էր, այնպիսի խորը հետքեր էին մնացել, որ կարծեք թե մտրակով էին հարվածել։ Կեսօրին այնտեղ ժամանեցին երկու մարդ, որոնք հարևան պոստից բերել էին մի ծրար՝ գեներալին ուղարկելու համար, այնպես որ մեր խումբն այդ երեկո, բացի այս երկուսից, բաղկացած էր իմ ուղեկցից, ինձնից, լեյտենանտից և չորս զինվորից։ Վերջինները շատ տարօրինակ մարդիկ էին. առաջինը մի գեղեցիկ երիտասարդ նեգր էր, երկրորդը՝ կես հնդիկ և կես նեգր, իսկ մյուս երկուսն աննկարագրելի մարդիկ էին — մեկը չիլիացի ծեր հանքափոր էր՝ մահոգանու<ref>Մահոգանի — ծառ, որի փայտն ունի կարմիր գույն։ ''Ծ. Թ.''</ref> գույնի, իսկ մյուսը՝ մասամբ խառնածին։ Ես երբեք չէի տեսել նման երկու խառնածիններ՝ այդպիսի գարշելի արտահայտություններով։ Գիշերը, երբ նրանք նստում էին կրակի շուրջը և թուղթ խաղում, ես քաշվում էի մի կողմ՝ դիտելու այդպիսի սալվադոր-ռոզայական<ref>Ռոզա Սալվադոր — իտալացի նկարիչ (1615—1673)։ ''Ծ. Թ.''</ref> տեսարանի։ Նրանք նստած էին ցածր ժայռի տակ, այնպես որ ես կարող էի նայել ներքև նրանց վրա, խմբի շուրջը փռվել էին շներ, զենքեր, եղջերուի և ջայլամների մնացորդներ, իսկ նրանց երկար նիզակները խրված էին գետնին։ Իրենցից քիչ հեռու մթության մեջ կապված էին նրանց ձիերը՝ բոլորովին պատրաստ որևէ հանկարծակի վտանգի համար։ Եթե ամայի հարթավայրի անդորրությունը խանգարվեր շներից մեկի հաչոցով, զինվորներից մեկը հեռանալով կրակից՝ գլուխը կդներ գետնին և այդպիսով դանդաղ և զգույշ կզններ հորիզոնը։ Մինչև անգամ եթե աղմկարար տերու-տերոն արձակում էր իր ճիչերը, անմիջապես դադարում էր խոսակցությունը, և յուրաքանչյուր գլուխ մի պահ խոնարհվում էր ներքև։
  
Ի՜նչպիսի ողորմելի կյանք են անցկացնում այս մարդիկ։ Նրանք գտնվում էին Սաուսե պոստից առնվազն տասը փարսախ հեռավորության վրա, իսկ քսան փարսախ հեռու մի ուրիշ պոստից, որտեղ կատարվել էին սպանությունները հնդիկների կողմից։ Ենթադրվում է, որ այն պոստի վրա հնդիկներն իրենց հարձակումը կատարած պետք է լինեն կես գիշերին, որովհետև առավոտյան շատ վաղ, սպանությունից հետո, նրանց նկատել էին այս պոստին մոտենալիս։ Սակայն այստեղ պոստի ամբողջ խումբը փախել էր՝ իրենց հետ տանելով ձիերը. յուրաքանչյուրը գնացել էր մի ուղղությամբ՝ իր հետ քշելով այնքան կենդանիներ, որքան կարող էր։ Այն փոքրիկ տնակը, որ նրանք պատրաստել էին ուղտափուշի ցողուններից և որտեղ նրանք քնում էին, չէր պաշտպանում նրանց քամուց և ոչ էլ անձրևից։ Տանիքն այն նշանակությունն ուներ, որ անձրևի մանր կաթիլները հավաքվելով՝ վերածվում էին խոշոր կաթիլների։ Նրանց միակ սնունդը կազմում էին որսած կենդանիները, որ լինում էին ջայլամ, եղջերու, զրահակիր և այլն, իսկ միակ վառելիքը մի փոքր բույսի չոր ցողուններն էին. այդ բույսը որոշ կողմերով նման է ալոեին։ Միակ զեխությունը, որ վայելում էին այո մարդիկ, թղթե փոքրիկ գլանակներ ծխելն էր և մաթե խմելը։ Հաճախ ուշադրությունս գրավում էին այս տխուր և ամայի հարթավայրերում մարդուն մշտական ընկերակցող գիշակեր անգղները, որոնք համբերությամբ նստած մոտակա մի փոքրիկ գահավանդի վրա, կարծեք թե ուզում էին ասել. «Լավ, երբ հնդիկները գան, մենք մի լավ խնճույք կունենանք»։
+
Ի՜նչպիսի ողորմելի կյանք են անցկացնում այս մարդիկ։ Նրանք գտնվում էին Սաուսե պոստից առնվազն տասը փարսախ հեռավորության վրա, իսկ քսան փարսախ հեռու մի ուրիշ պոստից, որտեղ կատարվել էին սպանությունները հնդիկների կողմից։ Ենթադրվում է, որ այն պոստի վրա հնդիկներն իրենց հարձակումը կատարած պետք է լինեն կես գիշերին, որովհետև առավոտյան շատ վաղ, սպանությունից հետո, նրանց նկատել էին այս պոստին մոտենալիս։ Սակայն այստեղ պոստի ամբողջ խումբը փախել էր՝ իրենց հետ տանելով ձիերը. յուրաքանչյուրը գնացել էր մի ուղղությամբ՝ իր հետ քշելով այնքան կենդանիներ, որքան կարող էր։ Այն փոքրիկ տնակը, որ նրանք պատրաստել էին ուղտափուշի ցողուններից և որտեղ նրանք քնում էին, չէր պաշտպանում նրանց քամուց և ոչ էլ անձրևից։ Տանիքն այն նշանակությունն ուներ, որ անձրևի մանր կաթիլները հավաքվելով՝ վերածվում էին խոշոր կաթիլների։ Նրանց միակ սնունդը կազմում էին որսած կենդանիները, որ լինում էին ջայլամ, եղջերու, զրահակիր և այլն, իսկ միակ վառելիքը մի փոքր բույսի չոր ցողուններն էին. այդ բույսը որոշ կողմերով նման է ալոեին։ Միակ զեխությունը, որ վայելում էին այս մարդիկ, թղթե փոքրիկ գլանակներ ծխելն էր և մաթե խմելը։ Հաճախ ուշադրությունս գրավում էին այս տխուր և ամայի հարթավայրերում մարդուն մշտական ընկերակցող գիշակեր անգղները, որոնք համբերությամբ նստած մոտակա մի փոքրիկ գահավանդի վրա, կարծեք թե ուզում էին ասել. «Լավ, երբ հնդիկները գան, մենք մի լավ խնջույք կունենանք»։
  
Առավոտյան մենք բոլորս դուրս եկանք որսի և թեև շատ հաջողություն չունեցանք, բայց ունեցանք բավականին աշխուժացնող հետապնդումներ։ Դուրս գալուց քիչ անց՝ խումբը բաժանվեց, և այնպես դասավորեցին իրենց որսի ծրագիրը, որ օրվա որոշ ժամին (որի որոշումը ենթադրությամբ նրանք կատարում են բավականին ճշգրիտ) բոլորը շրջանի տարբեր կետերից պետք է հավաքվեին և հանդիպեին իրար հարթավայրի մի կետում և այսպիսով մի տեղ քշեին վայրի կենդանիներին։ Մի օր Բահիա Բլանկայում ես դուրս եկա որսի, բայց մարդիկ այնտեղ գնում էին մահիկի ձևի՝ յուրաքանչյուրը մյուսից քառորդ մղոն հեռու։ Մի գեղեցիկ արու ջայլամ, որին ետ էր դարձրել ամենածայրի ձիավորը, փորձեց փախչել մի կողմ։ Գաուչոներն սկսեցին հալածել ջայլամին ամենահախուռն արշավով՝ դարձնելով ձիերն աջ ու ձախ՝ ամենասքանչելի վարպետությամբ, յուրաքանչյուրն իք գլխի վերև պտտեցներով իր գնդակները։ Վերջապես ամենաառաջինը նետեց իր գնդակները, պտտեցնելով նրանց օդի մեջ. մի վայրկյանում ջայլամն սկսեց գլորվել. նրա ոտքերը փոկով լավ կապվել էին իրար։
+
Առավոտյան մենք բոլորս դուրս եկանք որսի և թեև շատ հաջողություն չունեցանք, բայց ունեցանք բավականին աշխուժացնող հետապնդումներ։ Դուրս գալուց քիչ անց՝ խումբը բաժանվեց, և այնպես դասավորեցին իրենց որսի ծրագիրը, որ օրվա որոշ ժամին (որի որոշումը ենթադրությամբ նրանք կատարում են բավականին ճշգրիտ) բոլորը շրջանի տարբեր կետերից պետք է հավաքվեին և հանդիպեին իրար հարթավայրի մի կետում և այսպիսով մի տեղ քշեին վայրի կենդանիներին։ Մի օր Բահիա Բլանկայում ես դուրս եկա որսի, բայց մարդիկ այնտեղ գնում էին մահիկի ձևի՝ յուրաքանչյուրը մյուսից քառորդ մղոն հեռու։ Մի գեղեցիկ արու ջայլամ, որին ետ էր դարձրել ամենածայրի ձիավորը, փորձեց փախչել մի կողմ։ Գաուչոներն սկսեցին հալածել ջայլամին ամենահախուռն արշավով՝ դարձնելով ձիերն աջ ու ձախ՝ ամենասքանչելի վարպետությամբ, յուրաքանչյուրն իր գլխի վերև պտտեցներով իր գնդակները։ Վերջապես ամենաառաջինը նետեց իր գնդակները, պտտեցնելով նրանց օդի մեջ. մի վայրկյանում ջայլամն սկսեց գլորվել. նրա ոտքերը փոկով լավ կապվել էին իրար։
  
 
Այս դաշտերում կա մեծ քանակությամբ երեք տեսակ կաքավ<ref>Տինամուսի երկու տեսակը և Ա. Գ’Օրբինի Eudromia elegans-ը, որը կաքավ է անվանվում միայն իր սովորությունների շնորհիվ։</ref>, որոնցից երկուսն ունեն էգ ֆազանի մեծություն։ Նրանց գլխավոր թշնամին և ոչնչացնողը, որը մի փոքրիկ գեղեցիկ աղվես է, նույնպես անսովոր չափով առատ է. մի օրվա ընթացքում մենք հանդիպում էինք սրանցից քառասունին կամ հիսունին։ Թեև նրանք սովորաբար լինում էին իրենց բներին մոտիկ, բայց մեր շները բռնեցին մեկին։ Երբ վերադարձանք պոստ, մեր խմբից երկուսն արդեն վերադարձել էին։ Վերջիններս առանձին էին գնացել որսի և սպանել էին մի պումա և գտել ջայլամի մի բուն, որի մեջ քսանյոթ ձու էր եղել։ Ասում էին, որ այս ձվերից յուրաքանչյուրն իր կշռով հավասար է հավի տասնումեկ ձվի, այնպես որ այս մեկ բնից մենք ձեռք բերինք այնքան սննդանյութ, որքան հավի երկու հարյուր իննսունյոթ ձուն կարող էր տալ։
 
Այս դաշտերում կա մեծ քանակությամբ երեք տեսակ կաքավ<ref>Տինամուսի երկու տեսակը և Ա. Գ’Օրբինի Eudromia elegans-ը, որը կաքավ է անվանվում միայն իր սովորությունների շնորհիվ։</ref>, որոնցից երկուսն ունեն էգ ֆազանի մեծություն։ Նրանց գլխավոր թշնամին և ոչնչացնողը, որը մի փոքրիկ գեղեցիկ աղվես է, նույնպես անսովոր չափով առատ է. մի օրվա ընթացքում մենք հանդիպում էինք սրանցից քառասունին կամ հիսունին։ Թեև նրանք սովորաբար լինում էին իրենց բներին մոտիկ, բայց մեր շները բռնեցին մեկին։ Երբ վերադարձանք պոստ, մեր խմբից երկուսն արդեն վերադարձել էին։ Վերջիններս առանձին էին գնացել որսի և սպանել էին մի պումա և գտել ջայլամի մի բուն, որի մեջ քսանյոթ ձու էր եղել։ Ասում էին, որ այս ձվերից յուրաքանչյուրն իր կշռով հավասար է հավի տասնումեկ ձվի, այնպես որ այս մեկ բնից մենք ձեռք բերինք այնքան սննդանյութ, որքան հավի երկու հարյուր իննսունյոթ ձուն կարող էր տալ։
  
'''Սեպտեմբերի 14.'''— Որովհետև հաջորդ պոստին պատկանող զինվորները վերադառնալու էին, և մենք բոլորս կկազմեինք հինգ հոգուց բաղկացած մի խումբ՝ բոլորս էլ զինված, ուստի ես որոշեցի չսպասել եկող զինվորների խմբին։ Իմ հյուրընկալը, լեյտենանտը, շատ ստիպեց ինձ մնալու։ Որովհետև նա ինձ շատ էր երախտապարտ արել ոչ միայն սնունդ հայթայթելով, այլ և ինձ իր անձնական ձիերը տալով, ուստի ես մտածեցի որոշ բանով վարձատրել նրան։ Իմ այս որոշումը հայտնեցի իմ ուղեկցին և հարցրի, թե արդյոք հարմա՞ր էր այդ անել. նա ինձ որոշակի ասաց՝ ո՛չ, ավելացնելով, թե միակ պատասխանը, որ ես կարող էի ստանալ, հավանաբար կլիներ. «Մեր երկրում մենք միս ունենք մինչև անգամ շների համար, ուստի և այդ շատ բան մի կարծիր քրիստոնյայի համար»։ Չպետք է ենթադրել, որ լեյտենանտի աստիճանն այսպիսի մի բանակում որևէ կերպ կարող է կասեցնել վճարումն ընդունելը, այլ այդ պիտի վերագրել հյուրասիրության բարձր ոգուն, որն այս շրջաններում ամենուրեք գրեթե ընդհանուր է, և որի մառին վկայում են բոլոր ճանապարհորդները։ Մի քանի փարսախ ձիերը քառատրոփ քշելուց հետս եկանք մի ցածրադիր ճահճուտ տեղ, որը տարածվում է դեպի հյուսիս մոտ ութսուն մղոն և հասնում է մինչև Սիերա Տապալգուեն։ Որոշ մասերում գետինը ներկայացնում էր գեղեցիկ խոնավ հարթավայրեր՝ ծածկված կանաչով, մինչ մյուս տեղերն ունեին փափուկ, սև ու տորֆային հող։ Բացի այդ, այդտեղ կային նաև բազմաթիվ լայն, բայց ծանծաղ լճեր և եղեգնի րնդարձակ տարածություններ։ Ընդհանուր առմամբ այդ շրջանը նման էր Կեմբրիջշիրի ճահճուտների լավ մասերին։ Գիշերը մենք բավականին թափառեցինք ճահիճների մեջ գիշերելու մի չոր տեղ գտնելու համար։
+
'''Սեպտեմբերի 14.'''— Որովհետև հաջորդ պոստին պատկանող զինվորները վերադառնալու էին, և մենք բոլորս կկազմեինք հինգ հոգուց բաղկացած մի խումբ՝ բոլորս էլ զինված, ուստի ես որոշեցի չսպասել եկող զինվորների խմբին։ Իմ հյուրընկալը, լեյտենանտը, շատ ստիպեց ինձ մնալու։ Որովհետև նա ինձ շատ էր երախտապարտ արել ոչ միայն սնունդ հայթայթելով, այլ և ինձ իր անձնական ձիերը տալով, ուստի ես մտածեցի որոշ բանով վարձատրել նրան։ Իմ այս որոշումը հայտնեցի իմ ուղեկցին և հարցրի, թե արդյոք հարմա՞ր էր այդ անել. նա ինձ որոշակի ասաց՝ ո՛չ, ավելացնելով, թե միակ պատասխանը, որ ես կարող էի ստանալ, հավանաբար կլիներ. «Մեր երկրում մենք միս ունենք մինչև անգամ շների համար, ուստի և այդ շատ բան մի կարծիր քրիստոնյայի համար»։ Չպետք է ենթադրել, որ լեյտենանտի աստիճանն այսպիսի մի բանակում որևէ կերպ կարող է կասեցնել վճարումն ընդունելը, այլ այդ պիտի վերագրել հյուրասիրության բարձր ոգուն, որն այս շրջաններում ամենուրեք գրեթե ընդհանուր է, և որի մասին վկայում են բոլոր ճանապարհորդները։ Մի քանի փարսախ ձիերը քառատրոփ քշելուց հետո եկանք մի ցածրադիր ճահճուտ տեղ, որը տարածվում է դեպի հյուսիս մոտ ութսուն մղոն և հասնում է մինչև Սիերա Տապալգուեն։ Որոշ մասերում գետինը ներկայացնում էր գեղեցիկ խոնավ հարթավայրեր՝ ծածկված կանաչով, մինչ մյուս տեղերն ունեին փափուկ, սև ու տորֆային հող։ Բացի այդ, այդտեղ կային նաև բազմաթիվ լայն, բայց ծանծաղ լճեր և եղեգնի րնդարձակ տարածություններ։ Ընդհանուր առմամբ այդ շրջանը նման էր Կեմբրիջշիրի ճահճուտների լավ մասերին։ Գիշերը մենք բավականին թափառեցինք ճահիճների մեջ գիշերելու մի չոր տեղ գտնելու համար։
  
'''Սեպտեմբերի 15.'''— Առավոտյան վեր կացանք շատ վաղ և կարճ ժամանակից հետո անցանք այն պոստը, որտեղ հնդիկներն սպանել էին հինգ զինվոր։ Նրանց սպան իր մարմնի վրա ստացել էր չուսոյի տասնութը վերք։ Կեսօրին, ձիերն ուժեղ քառատրոփ վազեցնելուց հետո, հասանք հինգերորդ պոստը։ Որովհետև այնքան էլ հեշտ չէր այստեղ ձիեր ճարել, ուստի ստիպված էինք գիշերն անցկացնել այնտեղ։ Որովհետև այս կետն ամբողջ գծի վրա գտնվող պոստերից ամենից դուրս ընկածն էր, այդ պատճառով էլ այստեղ պահում էին քսանմեկ զինվոր։ Արևը մայր մտնելիս զինվորները վերադարձան որսից՝ իրենց հետ բերելով յոթ եղջերու, երեք ջայլամ և բազմաթիվ զրանակիրներ m կաքավներ։ Այդ դաշտերով անցնելիս շատ տարածված սովորություն է դաշտերը հրդեհելը, այս պատճառով էլ գիշերը, ինչպես այդ նկատվում էր այս անգամ, հորիզոնը լուսավորվում էր պայծառ բոցերից։ Այս կատարվում է մասամբ թափառական հնդիկներին շփոթեցնելու համար, բայց գլխավոր նպատակն արոտատեղիները պարարտացնելն է։ Այն կանաչ դաշտերում, որտեղ չկան որոճացող խոշոր չորքոտանիներ, թվում է թե անհրաժեշտ է ավելորդ բուսականությունը վառելով հեռացնել, որպեսզի հաջորդ տարվա կանաչի աճումը հաջող և օգտակար լինի։
+
'''Սեպտեմբերի 15.'''— Առավոտյան վեր կացանք շատ վաղ և կարճ ժամանակից հետո անցանք այն պոստը, որտեղ հնդիկներն սպանել էին հինգ զինվոր։ Նրանց սպան իր մարմնի վրա ստացել էր չուսոյի տասնութը վերք։ Կեսօրին, ձիերն ուժեղ քառատրոփ վազեցնելուց հետո, հասանք հինգերորդ պոստը։ Որովհետև այնքան էլ հեշտ չէր այստեղ ձիեր ճարել, ուստի ստիպված էինք գիշերն անցկացնել այնտեղ։ Որովհետև այս կետն ամբողջ գծի վրա գտնվող պոստերից ամենից դուրս ընկածն էր, այդ պատճառով էլ այստեղ պահում էին քսանմեկ զինվոր։ Արևը մայր մտնելիս զինվորները վերադարձան որսից՝ իրենց հետ բերելով յոթ եղջերու, երեք ջայլամ և բազմաթիվ զրանակիրներ ու կաքավներ։ Այդ դաշտերով անցնելիս շատ տարածված սովորություն է դաշտերը հրդեհելը, այս պատճառով էլ գիշերը, ինչպես այդ նկատվում էր այս անգամ, հորիզոնը լուսավորվում էր պայծառ բոցերից։ Այս կատարվում է մասամբ թափառական հնդիկներին շփոթեցնելու համար, բայց գլխավոր նպատակն արոտատեղիները պարարտացնելն է։ Այն կանաչ դաշտերում, որտեղ չկան որոճացող խոշոր չորքոտանիներ, թվում է թե անհրաժեշտ է ավելորդ բուսականությունը վառելով հեռացնել, որպեսզի հաջորդ տարվա կանաչի աճումը հաջող և օգտակար լինի։
  
Այստեղի ռանչոն չուներ մինչև անգամ ծածկ, նա ներկայացնում էր ուղտափշի ցողուններից պատրաստած մի հյուսվածք, որի նպատակը քամու ուժը կոտրելն էր։ Նա տեղավորված էր մի լայնատարած, բայց ծանծաղ լճի ափին, որի մեջ լողում էին բազմաթիվ վայրի մեծ թռչուններ, որոնցից աչքի էին ընկնում սև վզով կարապները։ Ճեղագռավի այն տեսակը (Himantopus nigricollis), որը կարծեք թե բարձրացել է ոտնացուպերի վրա, այստեղ շատ է տարածված և պատահում է զգալիորեն մեծ երամներով։ Շատ սխալ է, որ այս թռչունը համարում են անշնորհք թռչուն. երբ նա այս ու այն կողմ շրջում է ծանծաղ ջրերում, որը նրա սիրած հաճախատեղին է, նրա քայլվածքը շատ հեռու է անվայելուչ համարվելուց։ Այս թռչունները երամով այնպիսի ձայն են հանում, որ եզակիորեն նմանվում է որսի հետևից ամբողջ ուժով վազող շների ոհմակի ձայնին։ Մի քանի անգամ արթնանալով գիշերը՝ մի պահ ցնցվել եմ հեռվից լսվող ձայնից։ Տերու-տերոն (Vanellus cayanus) մի այլ թռչուն է, որը հաճախ խանգարում է գիշերվա անդորրությունը։ Իր տեսքով և սովորություններով նա շատ բանով նման է մեր հոպոպներին, սակայն նրա թևերը զինված են սուր խթաններով՝ հասարակ աքաղաղի սրունքների վրա եղածի նման։ Տերու-տերոն ևս մեր հոպոպի նման իր անունն ստացել է իր ձայնից։ Այս կանաչ դաշտերում անցնելիս այu թռչուններն անընդհատ գալիս են մարդու հետևից, կարծեք թե ատում են մարդկանց և կարծում եմ, որ իրենք էլ արժանի են մարդկանց ատելության իրենց անվերջ, անփոփոխ և անհաճո ճիչերով։ Ամենից շատ նրանք ձանձրացուցիչ են և ատելի որսորդի համար, որովհետև նրանք իրենց ճիչերով հայտնում են մյուս թռչուններին և կենդանիներին նրա ներկայությունը։ Այդ դաշտերից ճանապարհորդողների համար հավանորեն, ինչպես Մոլինան է ասում, սրանք լավ գործ են կատարում, որովհետև իրենց ճիչով զգուշացնում են ճանապարհորդին կես գիշերի ավազակներից։ Բազմացման սեզոնին նրանք մեր հոպոպների նման վիրավորված ձևանալով՝ փորձում են բներից հեռու տանել շներին այլ թռչուններին։ Այս թռչունի ձվերը համարվում են շատ համեղ։
+
Այստեղի ռանչոն չուներ մինչև անգամ ծածկ, նա ներկայացնում էր ուղտափշի ցողուններից պատրաստած մի հյուսվածք, որի նպատակը քամու ուժը կոտրելն էր։ Նա տեղավորված էր մի լայնատարած, բայց ծանծաղ լճի ափին, որի մեջ լողում էին բազմաթիվ վայրի մեծ թռչուններ, որոնցից աչքի էին ընկնում սև վզով կարապները։ Ճեղագռավի այն տեսակը (Himantopus nigricollis), որը կարծեք թե բարձրացել է ոտնացուպերի վրա, այստեղ շատ է տարածված և պատահում է զգալիորեն մեծ երամներով։ Շատ սխալ է, որ այս թռչունը համարում են անշնորհք թռչուն. երբ նա այս ու այն կողմ շրջում է ծանծաղ ջրերում, որը նրա սիրած հաճախատեղին է, նրա քայլվածքը շատ հեռու է անվայելուչ համարվելուց։ Այս թռչունները երամով այնպիսի ձայն են հանում, որ եզակիորեն նմանվում է որսի հետևից ամբողջ ուժով վազող շների ոհմակի ձայնին։ Մի քանի անգամ արթնանալով գիշերը՝ մի պահ ցնցվել եմ հեռվից լսվող ձայնից։ Տերու-տերոն (Vanellus cayanus) մի այլ թռչուն է, որը հաճախ խանգարում է գիշերվա անդորրությունը։ Իր տեսքով և սովորություններով նա շատ բանով նման է մեր հոպոպներին, սակայն նրա թևերը զինված են սուր խթաններով՝ հասարակ աքաղաղի սրունքների վրա եղածի նման։ Տերու-տերոն ևս մեր հոպոպի նման իր անունն ստացել է իր ձայնից։ Այս կանաչ դաշտերում անցնելիս այս թռչուններն անընդհատ գալիս են մարդու հետևից, կարծեք թե ատում են մարդկանց և կարծում եմ, որ իրենք էլ արժանի են մարդկանց ատելության իրենց անվերջ, անփոփոխ և անհաճո ճիչերով։ Ամենից շատ նրանք ձանձրացուցիչ են և ատելի որսորդի համար, որովհետև նրանք իրենց ճիչերով հայտնում են մյուս թռչուններին և կենդանիներին նրա ներկայությունը։ Այդ դաշտերից ճանապարհորդողների համար հավանորեն, ինչպես Մոլինան է ասում, սրանք լավ գործ են կատարում, որովհետև իրենց ճիչով զգուշացնում են ճանապարհորդին կես գիշերի ավազակներից։ Բազմացման սեզոնին նրանք մեր հոպոպների նման վիրավորված ձևանալով՝ փորձում են բներից հեռու տանել շներին այլ թռչուններին։ Այս թռչունի ձվերը համարվում են շատ համեղ։
  
'''Սեպտեմբերի 16.'''— Եկանք մինչև յոթերորդ պոստը, որը գտնվում է Սիերա Սապալդուենի ստորոտին։ Ամբողջ շրջանը գրեթե բոլորովին հարթ էր։ Գետինը ծածկված էր կոշտ խոտերով և կազմված էր տորֆանման փափուկ հողից։ Այստեղ խրճիթն զգալիորեն կոկիկ էր, սյուներն ու գերանները կազմված էին մոտ տասներկու չոր ուղտափշի ցողունները մորթե փոկերով իրար կապելով, և հոնիականի նմանող այս սյուները ձառայեցնելով որպես հենարաններ՝ սենյակի կողքերը և ծածկը շինել էին եղեգից։ Այստեղ մեզ պատմեցին մի հետաքրքրական դեպք, որը ես անհավանական կհամարեի, եթե ինքս մասամբ ականատես չլինեի այդ դեպքին։ Նախորդ գիշերը կարկուտ էր տեղացել փոքր խնձորի մեծության և վերին աստիճանի պինդ, և այնպիսի ուժգնությամբ էր տեղացել, որ սպանել էր վայրի կենդանիների մեծ մասը։ Մի մարդ գտել էր տասներեք եղջերու (Cervus campestris) սատկած վիճակում, և ես տեսա նրանց թարմ մորթերը, իսկ խմբի մի այլ անդամ իմ ժամանելուց մի քանի րոպե հետո բերեց յոթը եղջերու ևս։ Ինձ լավ հայտնի է, որ մի մարդ առանց շների հազիվ թե կարողանար սպանել յոթ եղջերու, մինչև անգամ մի շաբաթում։ Նրանք ասում էին, որ տեսել են մոտ տասնհինգ սատկած ջայլամ (որոնցից մեկի մի մասը ծառայում էր մեզ որպես ճաշ). նրանք ասում էին նաև, որ մի քանի ջայլամ էլ տեսել են դես ու դեն վազելիս, հավանորեն աչքերից մեկը կուրացած։ Սպանված էին նաև մեծ թվով մանր թռչուններ, ինչպես բադերը, բազեները և կաքավներն են։ Ես տեսա այս վերջիններից մեկին, որի կռնակին մի սև նշան կար, կարծեք թե նրան խփել էին մեծ խճաքարով։ Ուղտափշի ցողուններից պատրաստած ցանկապատը, որը շրջապատում էր խրճիթը, գրեթե կոտրվել էր, և ինձ պատմողն ասում էր, որ ինքը գլուխը դուրս է հանում իմանալու, թե ինչ է պատահել, մի ուժեղ վերք է ստանում կարկտից, և այժմ կապել էր իր գլուխը։ Այդ փոթորկի տարածումը շատ սահմանափակ է եղել. իսկապես մենք մեր վերջին գիշերվա բացօթյա բանակատեղիից այս ուղղությամբ խիտ ամպեր և կայծակ նկատեցինք։ Շատ զարմանալի է, թե ի՛նչպես եղջերուի նման ուժեղ կենդանիները կարող են այսպես սպանվել կարկտից. բայց նկատի ունենալով այն ապացույցները, որ ես բերի այստեղ վերևում, կարող եմ ասել, որ անկասկած և ոչ մի չափազանցություն չկա այս ամբողջ պատմության մեջ։ Ես ուրախ եմ, որ այս բանի ճշտությունը կարող եմ ապացուցել նաև ճիզվիտ Դոբրիցհոֆերի<ref>„History of the Abipones”, vol. II, p. 6.</ref> մի վկայությամբ, որը խոսելով շատ ավելի հյուսիսում գտնվող մի ֊երկրի մասին՝ ասում է, որ այնտեղ տեղացել է ահռելի մեծության կարկուտ և կոտորել է մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ. հնդիկներն այդ վայրն այնուհետև անվանել են Lalegraicavalca, որ նշանակում է «փոքրիկ սպիտակ բանե»։ Դոկտոր Մալկոլմսոնը նույնպես պատմում է, որ 1831 թվին ինքն ականատես է եղել Հնդկաստանում տեղացող մի կարկտաբեր փոթորկի, որը ոչնչացրել է բազմաթիվ խոշոր թռչուններ և մեծ վնասներ է պատճառել խոշոր եղջերավոր անասուններին։ Այս կարկտաքարերն ունեցել են տափակ ձև. մեկն ունեցել է տասը մատնաչափ շրջապատ, իսկ մի ուրիշը կշռել է երկու ունցիա։ Նրանք մուշկետի գնդակների նման ակոսել են գետինը, կազմելով խճե ճանապարհներ։ Խփելով պատուհանների ապակիներին՝ առաջացրել են կլոր ծակեր, առանց ճաքճքումների։
+
'''Սեպտեմբերի 16.'''— Եկանք մինչև յոթերորդ պոստը, որը գտնվում է Սիերա Սապալդուենի ստորոտին։ Ամբողջ շրջանը գրեթե բոլորովին հարթ էր։ Գետինը ծածկված էր կոշտ խոտերով և կազմված էր տորֆանման փափուկ հողից։ Այստեղ խրճիթն զգալիորեն կոկիկ էր, սյուներն ու գերանները կազմված էին մոտ տասներկու չոր ուղտափշի ցողունները մորթե փոկերով իրար կապելով, և հոնիականի նմանող այս սյուները ծառայեցնելով որպես հենարաններ՝ սենյակի կողքերը և ծածկը շինել էին եղեգից։ Այստեղ մեզ պատմեցին մի հետաքրքրական դեպք, որը ես անհավանական կհամարեի, եթե ինքս մասամբ ականատես չլինեի այդ դեպքին։ Նախորդ գիշերը կարկուտ էր տեղացել փոքր խնձորի մեծության և վերին աստիճանի պինդ, և այնպիսի ուժգնությամբ էր տեղացել, որ սպանել էր վայրի կենդանիների մեծ մասը։ Մի մարդ գտել էր տասներեք եղջերու (Cervus campestris) սատկած վիճակում, և ես տեսա նրանց թարմ մորթերը, իսկ խմբի մի այլ անդամ իմ ժամանելուց մի քանի րոպե հետո բերեց յոթը եղջերու ևս։ Ինձ լավ հայտնի է, որ մի մարդ առանց շների հազիվ թե կարողանար սպանել յոթ եղջերու, մինչև անգամ մի շաբաթում։ Նրանք ասում էին, որ տեսել են մոտ տասնհինգ սատկած ջայլամ (որոնցից մեկի մի մասը ծառայում էր մեզ որպես ճաշ). նրանք ասում էին նաև, որ մի քանի ջայլամ էլ տեսել են դես ու դեն վազելիս, հավանորեն աչքերից մեկը կուրացած։ Սպանված էին նաև մեծ թվով մանր թռչուններ, ինչպես բադերը, բազեները և կաքավներն են։ Ես տեսա այս վերջիններից մեկին, որի կռնակին մի սև նշան կար, կարծեք թե նրան խփել էին մեծ խճաքարով։ Ուղտափշի ցողուններից պատրաստած ցանկապատը, որը շրջապատում էր խրճիթը, գրեթե կոտրվել էր, և ինձ պատմողն ասում էր, որ ինքը գլուխը դուրս է հանում իմանալու, թե ինչ է պատահել, մի ուժեղ վերք է ստանում կարկտից, և այժմ կապել էր իր գլուխը։ Այդ փոթորկի տարածումը շատ սահմանափակ է եղել. իսկապես մենք մեր վերջին գիշերվա բացօթյա բանակատեղիից այս ուղղությամբ խիտ ամպեր և կայծակ նկատեցինք։ Շատ զարմանալի է, թե ի՛նչպես եղջերուի նման ուժեղ կենդանիները կարող են այսպես սպանվել կարկտից. բայց նկատի ունենալով այն ապացույցները, որ ես բերի այստեղ վերևում, կարող եմ ասել, որ անկասկած և ոչ մի չափազանցություն չկա այս ամբողջ պատմության մեջ։ Ես ուրախ եմ, որ այս բանի ճշտությունը կարող եմ ապացուցել նաև ճիզվիտ Դոբրիցհոֆերի<ref>„History of the Abipones”, vol. II, p. 6.</ref> մի վկայությամբ, որը խոսելով շատ ավելի հյուսիսում գտնվող մի երկրի մասին՝ ասում է, որ այնտեղ տեղացել է ահռելի մեծության կարկուտ և կոտորել է մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ. հնդիկներն այդ վայրն այնուհետև անվանել են Lalegraicavalca, որ նշանակում է «փոքրիկ սպիտակ բան»։ Դոկտոր Մալկոլմսոնը նույնպես պատմում է, որ 1831 թվին ինքն ականատես է եղել Հնդկաստանում տեղացող մի կարկտաբեր փոթորկի, որը ոչնչացրել է բազմաթիվ խոշոր թռչուններ և մեծ վնասներ է պատճառել խոշոր եղջերավոր անասուններին։ Այս կարկտաքարերն ունեցել են տափակ ձև. մեկն ունեցել է տասը մատնաչափ շրջապատ, իսկ մի ուրիշը կշռել է երկու ունցիա։ Նրանք մուշկետի գնդակների նման ակոսել են գետինը, կազմելով խճե ճանապարհներ։ Խփելով պատուհանների ապակիներին՝ առաջացրել են կլոր ծակեր, առանց ճաքճքումների։
  
 
Վերջացնելով կարկտատար կենդանիների մսից պատրաստած մեր ճաշը՝ մենք անցանք Սիերա Տապալգուենը. այս բլուրների մի ցածր շարք է, որոնց բարձրությունը մի քանի հարյուր ոտնաչափից չի անցնում. այդ բլուրներն սկսվում են Կորիենտեսի հրվանդանից։ Այս մասում ապառը կազմված է մաքուր կվարցից, կարծում եմ, որ քիչ դեպի արևելք նա գրանիտային է։ Բլուրներն ունեն բավականին նշանակալի ձև՝ նրանք կազմված են դարավանդների տափակ մասերից՝ շրջապատված ցածրադիր ուղղաձիգ ժայռերով, որոնք նման են սեդիմենտային նստվածքի դուրս ընկած մասերի։ Այն բլուրը, որ ես բարձրացա, շատ փոքր էր, հազիվ թե նա ունենար երկու հարյուր կանգունից ավելի տրամագիծ, բայց կային և մեծերը։ Սրանցից մեկը, որին „Corral” անունն են տվել, երկուսից երեք մղոն տրամագիծ ունի և շրջապատված է ուղղաձիգ ժայռերով, որոնք բացառությամբ մի կետի, որը կազմում է մուտքը, երեսուն կամ քառասուն ոտնաչափ բարձրություն անեն։ Ֆալկոները<ref>Falconer’s „Patagonia”, p. 70.</ref> շատ հետաքրքրական կերպով պատմում է, թե ինչպես հնդիկներն այնտեղ են քշելիս եղել վայրի ձիերի խմբեր և նրանց այնտեղ պահելու համար հսկել են միայն մուտքի վրա։ Ես երբեք չեմ լսել դարատափի մի այլ դեպքի մասին, որ ունենա կվարցի կազմություն և, բացի այդ, իմ քննած բլուրը ոչ հերձում ուներ, ոչ շերտավորում։ Ինձ ասում էին, որ «կորալ»-ը կազմված է սպիտակ գույնի քարերից, որոնք կայծ են առաջացնում։
 
Վերջացնելով կարկտատար կենդանիների մսից պատրաստած մեր ճաշը՝ մենք անցանք Սիերա Տապալգուենը. այս բլուրների մի ցածր շարք է, որոնց բարձրությունը մի քանի հարյուր ոտնաչափից չի անցնում. այդ բլուրներն սկսվում են Կորիենտեսի հրվանդանից։ Այս մասում ապառը կազմված է մաքուր կվարցից, կարծում եմ, որ քիչ դեպի արևելք նա գրանիտային է։ Բլուրներն ունեն բավականին նշանակալի ձև՝ նրանք կազմված են դարավանդների տափակ մասերից՝ շրջապատված ցածրադիր ուղղաձիգ ժայռերով, որոնք նման են սեդիմենտային նստվածքի դուրս ընկած մասերի։ Այն բլուրը, որ ես բարձրացա, շատ փոքր էր, հազիվ թե նա ունենար երկու հարյուր կանգունից ավելի տրամագիծ, բայց կային և մեծերը։ Սրանցից մեկը, որին „Corral” անունն են տվել, երկուսից երեք մղոն տրամագիծ ունի և շրջապատված է ուղղաձիգ ժայռերով, որոնք բացառությամբ մի կետի, որը կազմում է մուտքը, երեսուն կամ քառասուն ոտնաչափ բարձրություն անեն։ Ֆալկոները<ref>Falconer’s „Patagonia”, p. 70.</ref> շատ հետաքրքրական կերպով պատմում է, թե ինչպես հնդիկներն այնտեղ են քշելիս եղել վայրի ձիերի խմբեր և նրանց այնտեղ պահելու համար հսկել են միայն մուտքի վրա։ Ես երբեք չեմ լսել դարատափի մի այլ դեպքի մասին, որ ունենա կվարցի կազմություն և, բացի այդ, իմ քննած բլուրը ոչ հերձում ուներ, ոչ շերտավորում։ Ինձ ասում էին, որ «կորալ»-ը կազմված է սպիտակ գույնի քարերից, որոնք կայծ են առաջացնում։
  
Մենք չկարողացանք Ռիո Տապալգուենի վրա գտնվող պոստը ցերեկով հասնել. երբ եկանք այնտեղ, արդեն մութն էր։ Ընթրիքին մի բան ասացին, որն ինձ հանկարծակի սարսափահար արեց, մտածելով, որ ես ուտում էի այդ երկրի սիրած կերակուրից, այն է՝ չզարգացած հորթի միս, որը մոր արգանդիդ դուրս էր բերվել ժամանակից շատ առաջ։ Հետագայում պարզվեց, որ այդ պումայի միս է։ Այդ միսը չափազանց սպիտակ է և համով շատ նման է հորթի մսին։ Դոկտոր Շոուի վրա ծիծաղում էին, երբ ասում էր, որ «առյուծի միսը մեծ արժեք ունի, որովհետև նա իր գույնով, համով և բույրով շատ մոտիկ է հորթի մսին»։ Նույնը կարելի է ասել նաև պումայի մասին։ Գաուչոները յագուարի<ref>Ամերիկյան հովազ։ ''Ծ. Թ.''</ref> մսի համի մասին տարբեր կարծիք ունեն, բայց բոլորն էլ ընդունում են, որ կատուն գերազանցապես լավ է։
+
Մենք չկարողացանք Ռիո Տապալգուենի վրա գտնվող պոստը ցերեկով հասնել. երբ եկանք այնտեղ, արդեն մութն էր։ Ընթրիքին մի բան ասացին, որն ինձ հանկարծակի սարսափահար արեց, մտածելով, որ ես ուտում էի այդ երկրի սիրած կերակուրից, այն է՝ չզարգացած հորթի միս, որը մոր արգանդից դուրս էր բերվել ժամանակից շատ առաջ։ Հետագայում պարզվեց, որ այդ պումայի միս է։ Այդ միսը չափազանց սպիտակ է և համով շատ նման է հորթի մսին։ Դոկտոր Շոուի վրա ծիծաղում էին, երբ ասում էր, որ «առյուծի միսը մեծ արժեք ունի, որովհետև նա իր գույնով, համով և բույրով շատ մոտիկ է հորթի մսին»։ Նույնը կարելի է ասել նաև պումայի մասին։ Գաուչոները յագուարի<ref>Ամերիկյան հովազ։ ''Ծ. Թ.''</ref> մսի համի մասին տարբեր կարծիք ունեն, բայց բոլորն էլ ընդունում են, որ կատուն գերազանցապես լավ է։
  
'''Սեպտեմբերի 17.'''— Ռիո Տապալգուենի ընթացքով, մի շատ արգավանդ դաշտի միջով գնում էինք դեպի իններորդ պոստը։ Ինքը՝ Տապալգուենը, կամ Տապալգուեն քաղաքը, եթե միայն կարելի է քաղաք անվանել, գտնվում է կատարյալ հարթ տարածության վրա, որը զարդարված է, որքան աչքը կարող է տեսնել, հնդիկների տոլդոներով կամ հնոցանման հյուղակներով։ Ռոսասի հետ մյուս հնդիկների դեմ կռվող բարեկամ հնդիկների ընտանիքներն ապրում էին այստեղ։ Մենք հանդիպեցինք բազմաթիվ երիտասարդ հնդիկ կանանց, որոնք երկուսով-երեքով միասին հեծել էին միևնույն ձին։ Նրանք, ինչպես և շատ երիտասարդ հնդիկներ, չափազանց գեղեցիկ էին. նրանց դեմքի գեղեցիկ կարմրավուն գույնն արտահայտում էր նրանց կատարյալ առողջ լինելը։ Բացի տոլդոներից կար նաև երեք ռանչո (տուն)։ Մեկում ապրում էր կոմենդանտը, իսկ մյուս երկուսում՝ սպանացիներ, որոնք ունեին փոքրիկ խանութներ։ Այստեղ մենք կարոդ էինք քիչ սուխարի (պաքսիմատ) գնել։ Մի քանի օր էր, որ ես, բացի մսից, ոչ մի բան չէի կերել։ Ես այնքան էլ չէի ատում սննդառության այս նոր կանոնները, բայց ինձ թվում էր, թև ես այս նոր սննդին ընտելանում էի շնորհիվ լարված և ծանր ֆիզիկական աշխատանքի։ Ես լսել եմ, որ Անգլիայում այն հիվանդները, որոնք բացառաբար մսային դիետա են պահում, հազիվ են այդ դրության հետ հաշտվում, նույնիսկ այն դեպքում, երբ դրանից է կախված նրանց կյանքը։ Մինչդեռ պամպասներում ապրող գաուչոներն ամիսներով ոչ մի բանի ձեռք չեն տալիս, բացի մսից։ Բայց ես նկատել եմ, որ նրանք ուտում են մեծ քանակությամբ ճարպ, որն ավելի քիչ կենդանական բնույթ ունի. նրանք մասնավորապես ատում են չոր միսը, օրինակ՝ ագուտիի միսը։ Դոկտոր Ռիչարդսընը<ref>„Fauna Bofeali-Amerikana”, vol. I, p. 35.</ref> նույնպես նկատել է, որ երբ մարդիկ «երկար ժամանակ սնվում են անճարպ մսով, նրանց ճարպ ուտելու ցանկությունն այնպես է անհագ դառնում, որ նրանք կարող են սպառել մեծ քանակությամբ անխառն և մինչև անգամ յուղային ճարպ՝ առանց սրտախառնուքի»։ Այս ինձ համար շատ հետաքրքրական ֆիզիոլոգիական փաստ է։ Գուցե շարունակ միս ուտելուց է, որ գաուչոները, այլ մսակեր կենդանիների նման, երկար ժամանակ կարող են դիմանալ առանց մի բան ուտելու։ Ինձ մեկը պատմում էր, որ Տանդիլեում մի խումբ զինվորներ երեք օր անընդհատ հետապնդում են մի խումբ հնդիկների, առանց որևէ բան ուտելու կամ խմելու։
+
'''Սեպտեմբերի 17.'''— Ռիո Տապալգուենի ընթացքով, մի շատ արգավանդ դաշտի միջով գնում էինք դեպի իններորդ պոստը։ Ինքը՝ Տապալգուենը, կամ Տապալգուեն քաղաքը, եթե միայն կարելի է քաղաք անվանել, գտնվում է կատարյալ հարթ տարածության վրա, որը զարդարված է, որքան աչքը կարող է տեսնել, հնդիկների տոլդոներով կամ հնոցանման հյուղակներով։ Ռոսասի հետ մյուս հնդիկների դեմ կռվող բարեկամ հնդիկների ընտանիքներն ապրում էին այստեղ։ Մենք հանդիպեցինք բազմաթիվ երիտասարդ հնդիկ կանանց, որոնք երկուսով-երեքով միասին հեծել էին միևնույն ձին։ Նրանք, ինչպես և շատ երիտասարդ հնդիկներ, չափազանց գեղեցիկ էին. նրանց դեմքի գեղեցիկ կարմրավուն գույնն արտահայտում էր նրանց կատարյալ առողջ լինելը։ Բացի տոլդոներից կար նաև երեք ռանչո (տուն)։ Մեկում ապրում էր կոմենդանտը, իսկ մյուս երկուսում՝ սպանացիներ, որոնք ունեին փոքրիկ խանութներ։ Այստեղ մենք կարող էինք քիչ սուխարի (պաքսիմատ) գնել։ Մի քանի օր էր, որ ես, բացի մսից, ոչ մի բան չէի կերել։ Ես այնքան էլ չէի ատում սննդառության այս նոր կանոնները, բայց ինձ թվում էր, թև ես այս նոր սննդին ընտելանում էի շնորհիվ լարված և ծանր ֆիզիկական աշխատանքի։ Ես լսել եմ, որ Անգլիայում այն հիվանդները, որոնք բացառաբար մսային դիետա են պահում, հազիվ են այդ դրության հետ հաշտվում, նույնիսկ այն դեպքում, երբ դրանից է կախված նրանց կյանքը։ Մինչդեռ պամպասներում ապրող գաուչոներն ամիսներով ոչ մի բանի ձեռք չեն տալիս, բացի մսից։ Բայց ես նկատել եմ, որ նրանք ուտում են մեծ քանակությամբ ճարպ, որն ավելի քիչ կենդանական բնույթ ունի. նրանք մասնավորապես ատում են չոր միսը, օրինակ՝ ագուտիի միսը։ Դոկտոր Ռիչարդսընը<ref>„Fauna Boreali-Amerikana”, vol. I, p. 35.</ref> նույնպես նկատել է, որ երբ մարդիկ «երկար ժամանակ սնվում են անճարպ մսով, նրանց ճարպ ուտելու ցանկությունն այնպես է անհագ դառնում, որ նրանք կարող են սպառել մեծ քանակությամբ անխառն և մինչև անգամ յուղային ճարպ՝ առանց սրտախառնուքի»։ Այս ինձ համար շատ հետաքրքրական ֆիզիոլոգիական փաստ է։ Գուցե շարունակ միս ուտելուց է, որ գաուչոները, այլ մսակեր կենդանիների նման, երկար ժամանակ կարող են դիմանալ առանց մի բան ուտելու։ Ինձ մեկը պատմում էր, որ Տանդիլեում մի խումբ զինվորներ երեք օր անընդհատ հետապնդում են մի խումբ հնդիկների, առանց որևէ բան ուտելու կամ խմելու։
  
 
Խանութներում մենք շատ ապրանքներ գտանք, օրինակ՝ ձիու ծածկոցներ, գոտիներ և գուլպայի կապեր. սրանք պատրաստել էին հնդիկ կանայք։ Նրանք ունեին շատ գեղեցիկ նախշեր և շողշողուն գույն։ Գուլպաների կապերն այնքան լավ էին գործված, որ Բուենոս Այրեսում գտնվող մի անգլիացի առևտրական պնդում էր, որ դրանք Անգլիայում պատրաստված կլինեն։
 
Խանութներում մենք շատ ապրանքներ գտանք, օրինակ՝ ձիու ծածկոցներ, գոտիներ և գուլպայի կապեր. սրանք պատրաստել էին հնդիկ կանայք։ Նրանք ունեին շատ գեղեցիկ նախշեր և շողշողուն գույն։ Գուլպաների կապերն այնքան լավ էին գործված, որ Բուենոս Այրեսում գտնվող մի անգլիացի առևտրական պնդում էր, որ դրանք Անգլիայում պատրաստված կլինեն։
  
'''Սեպտեմբերի 18.'''— Այդ օրը մենք. երկար ժամանակ ձիերի վրա էինք։ Տասներկուերորդ պոստում, որը Ռիո Սալադոյից յոթը փարսախ հարավ է գտնվում, մենք հանդիպեցինք առաջին եստանսիային, որտեղ կային խոշոր եղջերավոր անասուններ և սպիտակ կանայք։ Այնուհետև մենք ստիպվեցինք մի քանի մղոն անցնելու, մի դաշտով, որը հեղեղվել էր ջրով. ձիերը թաղվում էին մինչև ծնկները։ Հավաքելով ասպանդակները և հեծնելով արաբի, նման, մեր ոտները ծռած, մենք կարողացանք անցնել բավականին չոր վիճակում։ Գրեթե մութն էր, երբ հասանք Սալադո. առվակը բավականին խոր էր և ուներ մոտ քառասուն կանգուն լայնություն. չնայած դրան, ամառն այդ գետակի հունը գրեթե բոլորովին չորանում է, և մնացած ջուրն էլ այնպես է աղիանում, ինչպես ծովի ջուրը։ Մենք քնեցինք գեներալ Ռոսասի մեծ ֆերմաներից մեկում։ Նա լավ ամրացված էր և այն էլ այնպես, որ երբ մութ ժամանակ մենք ներս մտանք ֆերմա, ինձ այնպես թվաց, թե այդ մի քաղաք էր կամ ամրոց։ Առավոտյան մենք տեսանք անսահման քանակությամբ անասունների հոտեր. այստեղ գեներալն ուներ յոթանասունչորս քառակուսի փարսախ կալվածք։ Առաջ այս կալվածքում աշխատում էին երեք հարյուր մարդ և նրանք կարողանում էին դիմադրել հնդիկների բոլոր հարձակումներին։
+
'''Սեպտեմբերի 18.'''— Այդ օրը մենք երկար ժամանակ ձիերի վրա էինք։ Տասներկուերորդ պոստում, որը Ռիո Սալադոյից յոթը փարսախ հարավ է գտնվում, մենք հանդիպեցինք առաջին եստանսիային, որտեղ կային խոշոր եղջերավոր անասուններ և սպիտակ կանայք։ Այնուհետև մենք ստիպվեցինք մի քանի մղոն անցնելու, մի դաշտով, որը հեղեղվել էր ջրով. ձիերը թաղվում էին մինչև ծնկները։ Հավաքելով ասպանդակները և հեծնելով արաբի նման, մեր ոտները ծռած, մենք կարողացանք անցնել բավականին չոր վիճակում։ Գրեթե մութն էր, երբ հասանք Սալադո. առվակը բավականին խոր էր և ուներ մոտ քառասուն կանգուն լայնություն. չնայած դրան, ամառն այդ գետակի հունը գրեթե բոլորովին չորանում է, և մնացած ջուրն էլ այնպես է աղիանում, ինչպես ծովի ջուրը։ Մենք քնեցինք գեներալ Ռոսասի մեծ ֆերմաներից մեկում։ Նա լավ ամրացված էր և այն էլ այնպես, որ երբ մութ ժամանակ մենք ներս մտանք ֆերմա, ինձ այնպես թվաց, թե այդ մի քաղաք էր կամ ամրոց։ Առավոտյան մենք տեսանք անսահման քանակությամբ անասունների հոտեր. այստեղ գեներալն ուներ յոթանասունչորս քառակուսի փարսախ կալվածք։ Առաջ այս կալվածքում աշխատում էին երեք հարյուր մարդ և նրանք կարողանում էին դիմադրել հնդիկների բոլոր հարձակումներին։
  
'''Սեպտեմբերի 19.'''— Անցանք Գվարդիա դել Մոնտեն։ Այս մի գեղեցիկ, ցրված, փոքրիկ քաղաք է, բազմաթիվ պարտեզներով, որտեղ աճում են դեղձի և սերկևիլի ծառեր։ Այստեղ դաշտը նման էր Բուենոս Այրեսի շրջապատի դաշտերին։ Արոտն ուներ բաց-կանաչ գույն և բարձր չէր. այնտեղ կային երեքնուկի և ուղտափշի գոտիներ։ Վիսկաշաներն ամեն տեղ ծակեր էին բացել։ Ինձ վրա մեծ տպավորություն էր թողել Սալադոն անցնելուց հետո գետնի ընդհանուր տեսքի այս ընդհանուր փոփոխությունը։ Կոշտ խոտերի դաշտից մտանք ընտիր կանաչ խոտով ծածկված մի մարգագետին։ Սկզբում այս տարբերությունը ես վերագրում էի հողի բնույթի որոշ փոփոխության, բայց տեղի բնակիչներն ինձ հավատացնում էին, որ այստեղ, ինչպես և Բանդա Օրիենտալում, որտեղ Մոնտեվիդեոյի շրջապատի տարածության և Կոլոնիայի նոսր բնակեցրած սավաննաների մեջ նույնպիսի մեծ տարբերություն կա, այդ բոլորը պետք է վերագրել խոշոր եղջերավոր անասուններ արածնցնելուն, որոնք պարարտացնում են հողը։ Ճիշտ նույն փաստերը նկատվել են նաև Հյուսիսային Ամերիկայի պրերիաներում (մարգագետին),<ref>Տես Mr. Atwater’s Account of the Prairies in Silliman’s N. A. Journal, vol. 1, p, 117.</ref> որտեղ հինգ-վեց ոտնաչափ բարձրություն ունեցող կոշտ խոտն անասուններ արածացնելուց վերածվում է սովորական արոտատեղի։ Ես այնքան էլ հմուտ բուսաբան չեմ, որպեսզի կարողանամ ասել, թե արդյոք այդ հետևանք է նոր տեսակների ներմուծմա՞ն, թե նախկինների աճեցողության փոփոխության կամ նրանց համեմատական թվի տարբերության։ Ազարան նույնպես մեծ զարմանքով նկատել է այս փոփոխությունը, նա նույնպես ապշել է հանկարծակի երևացող նոր բույսերի գոյությունից, որոնք գտնվել են նոր կառուցված հյուղակները տանող ճանապարհի վրա և որոնցից չկան շրջակա վայրերում։ Մի այլ տեղ նա ասում է. «Ces chevaux (Sauvages) ont la manie de préférer les cliemins, et le bord des routes pour déposer leurs excrémens, dont on trouve des monceaux dans ces endroits»<ref>Azara’s „Voyage” vol. I, p. 373. «Այս ձիերը (վայրի) համառորեն նախընտրում են ճանապարհները և ճանապարհի եզրերն իրենց արտաթորությունների համար, այդ է պատճառը, որ այս վայրերում միշտ գտնվում են աղբի կույտեր»։</ref>. Արդյոք այս մասամբ չի՞ բացատրում այս խնդիրը։ Այսպիսով մենք ունենք լավ պարարտացրած հոդի շերտեր, որոնք ծառայում են որպես հաղորդակցության ուղիներ այս ամայի շրջաններն իրար միացնելու համար։
+
'''Սեպտեմբերի 19.'''— Անցանք Գվարդիա դել Մոնտեն։ Այս մի գեղեցիկ, ցրված, փոքրիկ քաղաք է, բազմաթիվ պարտեզներով, որտեղ աճում են դեղձի և սերկևիլի ծառեր։ Այստեղ դաշտը նման էր Բուենոս Այրեսի շրջապատի դաշտերին։ Արոտն ուներ բաց-կանաչ գույն և բարձր չէր. այնտեղ կային երեքնուկի և ուղտափշի գոտիներ։ Վիսկաշաներն ամեն տեղ ծակեր էին բացել։ Ինձ վրա մեծ տպավորություն էր թողել Սալադոն անցնելուց հետո գետնի ընդհանուր տեսքի այս ընդհանուր փոփոխությունը։ Կոշտ խոտերի դաշտից մտանք ընտիր կանաչ խոտով ծածկված մի մարգագետին։ Սկզբում այս տարբերությունը ես վերագրում էի հողի բնույթի որոշ փոփոխության, բայց տեղի բնակիչներն ինձ հավատացնում էին, որ այստեղ, ինչպես և Բանդա Օրիենտալում, որտեղ Մոնտեվիդեոյի շրջապատի տարածության և Կոլոնիայի նոսր բնակեցրած սավաննաների մեջ նույնպիսի մեծ տարբերություն կա, այդ բոլորը պետք է վերագրել խոշոր եղջերավոր անասուններ արածեցնելուն, որոնք պարարտացնում են հողը։ Ճիշտ նույն փաստերը նկատվել են նաև Հյուսիսային Ամերիկայի պրերիաներում (մարգագետին),<ref>Տես Mr. Atwater’s Account of the Prairies in Silliman’s N. A. Journal, vol. 1, p, 117.</ref> որտեղ հինգ-վեց ոտնաչափ բարձրություն ունեցող կոշտ խոտն անասուններ արածացնելուց վերածվում է սովորական արոտատեղի։ Ես այնքան էլ հմուտ բուսաբան չեմ, որպեսզի կարողանամ ասել, թե արդյոք այդ հետևանք է նոր տեսակների ներմուծմա՞ն, թե նախկինների աճեցողության փոփոխության կամ նրանց համեմատական թվի տարբերության։ Ազարան նույնպես մեծ զարմանքով նկատել է այս փոփոխությունը, նա նույնպես ապշել է հանկարծակի երևացող նոր բույսերի գոյությունից, որոնք գտնվել են նոր կառուցված հյուղակները տանող ճանապարհի վրա և որոնցից չկան շրջակա վայրերում։ Մի այլ տեղ նա ասում է. «Ces chevaux (Sauvages) ont la manie de préférer les chemins, et le bord des routes pour déposer leurs excrémens, dont on trouve des monceaux dans ces endroits»<ref>Azara’s „Voyage” vol. I, p. 373. «Այս ձիերը (վայրի) համառորեն նախընտրում են ճանապարհները և ճանապարհի եզրերն իրենց արտաթորությունների համար, այդ է պատճառը, որ այս վայրերում միշտ գտնվում են աղբի կույտեր»։</ref>. Արդյոք այս մասամբ չի՞ բացատրում այս խնդիրը։ Այսպիսով մենք ունենք լավ պարարտացրած հողի շերտեր, որոնք ծառայում են որպես հաղորդակցության ուղիներ այս ամայի շրջաններն իրար միացնելու համար։
  
Գվարդիայի մոտ մենք գտնում ենք եվրոպական երկու բույսերի հարավային։ սահմանները, որոնք այժմս տարածված են չտեսնված առատությամբ։ Բուենոս Այրեսի, Մոնտեվիդեոյի և այլ քաղաքների շրջակայքում սամիթը մեծ առատությամբ ծածկում է խրամների եզրերը։ Իսկ վայրի կարդոնը (Cynara cardunculus — կանգար)<ref>'''Ա. դ’Օդրինին''' (հատ. I, էջ 474) ասում է, որ կարդոնը և արտիշոկը երկուսն էլ գտնվում են վայրի վիճակում։ Դոկտոր Հուկերը (Botanical Magazine, vol. LV, p. 2862) inermis անունով նկարագրել է ցինարայի մի փոփոխակը, որը գտնվում է Հարավային Ամերիկայի այս մասում։ Նա ասում է, որ բուսաբաններն ընդհանրապես այն կարծիքին են, որ կարդոնը և արտիշոկը միևնույն բույսի փոփոխակներն են։ Ես կարող եմ ավելացնել և այն, որ մի կրթված երկրագործ ինձ հավատացնում էր, որ մի ամայի պարտեզում նա նկատել է արտիշոկներ, որոնք հետագայում փոխվել են հասարակ կանգարի։ Ըստ դոկտոր Հուկերի՝ Հեդի նկարագրությունը պամպասներում եղած մի ուղտափշի մասին վերաբերում է կարդոնին, բայց այդ սխալ է։ Կապիտան Հեդի նկարագրությունը վերաբերում է մի բույսի, որ ես հիշատակելու եմ մի քանի տող ստորև՝ հսկա երնջնակ անունով։ Թե այդ իսկական ուղտափուշ է, թե ոչ — այդ ես չգիտեմ, բայց նա բոլորովին տարբերվում է կարդոնից և շատ ավելի նման է սովորական ուղտափշին։</ref> անհամեմատ շատ ավելի տարածված է, քան առաջինը։ Նա լինում է այս լայնություններում ամբողջ երկրամասի վրա, Կորդիլյերների երկու կողմերումն էլ։ Ես այդ բույսը տեսել եմ Չիլիի, Էնտրե Ռիոսի և Բանդա Օրիենտալի խուլ վայրերում։ Բանդա Օրիենտալում միայն տեղ-տեղ հարյուրավոր քառակուսի մղոն տարածություններ ծածկված են այս փշոտ բույսով և անթափանցելի են և՛ մարդու, և՛ կենդանիների համար։ Ալիքավոր հարթավայրերի վրա, այնտեղ, որտեղ տարածված են այս բույսերի մեծ մարգերը, ուրիշ ոչինչ չի կարող աճել։ Սակայն նրանց ներածումից առաջ պետք է որ այդ տեղերում գետինը ծածկված լիներ, ինչպես տեսնում ենք այլ մասերում, խիտ խոտով։ Հազիվ թե երբևիցե արձանագրված լինի մի այլ դեպք, որտեղ բերված բույսերն այսպիսի մեծ մասշտաբով ճնշած լինեն տեղական բույսերին։ Ինչպես ասացի վերևում՝ Սալադոյից հարավ ոչ մի տեղ կանգարի չեմ հանդիպել, բայց հավանորեն, որքան այդ շրջանը բնակելի դառնա, այնքան կանգարը կընդարձակի իր սահմանները։ Բոլորովին այլ դրություն է տիրում պամպասների խայտաբղետ տերևներով հսկա ուղտափշի համար. ես նրան հանդիպել եմ նաև Սաուսեի հովտում։ Համաձայն մր. Լայելի հայտնի սկզբունքների՝ քիչ երկրներ են ենթարկվել այնպիսի զարմանալի փոփոխության, ինչպիսիին ենթարկվեց Լա Պլատան 1535 թվից սկսած, երբ առաջին անգամ երևացին կոլոնիստները, իրենց հետ բերելով յոթանասուներկու ձի։ Ձիերի, խոշոր եղջերավոր անասունների և ոչխարների անհաշիվ հոտերը և նախիրները ոչ միայն փոխել են բուսականության ամբողջ տեսքը, այլ գրեթե ամբողջովին դուրս են մղել գուանակոն, եղջերուն և ջայլամը։ Պետք է որ տեղի ունեցած լինեն նաև այլ բազմաթիվ փոփոխություններ, հավանորեն որոշ տեղերում վայրի խոզը փոխարինում է պեկարիին (մշկախոզ)։ Վայրի շների ոհմակների ոռնոցը կարելի է լսել համեմատաբար ամայի առվակների ափերին գտնվող անտառներից, իսկ տնային կատուն, որը փոխվել է մի մեծ և կատաղի կենդանու, բնակվում է ժայռոտ բլուրների վրա։ Գիշատիչ անգղների թվի աճումը, այդ երկիրն ընտանի կենդանիներ ներածելուց հետո, ինչպես այդ նկատել է դ’Օրբինին, պետք է չափազանց մեծ լինի, և մենք փաստերի հիման վրա նշել ենք, որ այժմ այդ գիշատիչ թռչունները տարածվել են դեպի հարավ ավելի հեռու, քան առաջ։ Անկասկած, բացի կանգարից և սամիթից, շատ բույսեր հարմարվել են տեղի բնությանը. այսպես, Պարանայի գետաբերանին մոտիկ կղզիները խիտ ծածկված են նարնջի և դեղձի ծառերով։ Նրանք այնտեղ տարածվել են գետի ջրի տարած սերմերի միջոցով։
+
Գվարդիայի մոտ մենք գտնում ենք եվրոպական երկու բույսերի հարավային սահմանները, որոնք այժմս տարածված են չտեսնված առատությամբ։ Բուենոս Այրեսի, Մոնտեվիդեոյի և այլ քաղաքների շրջակայքում սամիթը մեծ առատությամբ ծածկում է խրամների եզրերը։ Իսկ վայրի կարդոնը (Cynara cardunculus — կանգար)<ref>'''Ա. դ’Օդրինին''' (հատ. I, էջ 474) ասում է, որ կարդոնը և արտիշոկը երկուսն էլ գտնվում են վայրի վիճակում։ Դոկտոր Հուկերը (Botanical Magazine, vol. LV, p. 2862) inermis անունով նկարագրել է ցինարայի մի փոփոխակը, որը գտնվում է Հարավային Ամերիկայի այս մասում։ Նա ասում է, որ բուսաբաններն ընդհանրապես այն կարծիքին են, որ կարդոնը և արտիշոկը միևնույն բույսի փոփոխակներն են։ Ես կարող եմ ավելացնել և այն, որ մի կրթված երկրագործ ինձ հավատացնում էր, որ մի ամայի պարտեզում նա նկատել է արտիշոկներ, որոնք հետագայում փոխվել են հասարակ կանգարի։ Ըստ դոկտոր Հուկերի՝ Հեդի նկարագրությունը պամպասներում եղած մի ուղտափշի մասին վերաբերում է կարդոնին, բայց այդ սխալ է։ Կապիտան Հեդի նկարագրությունը վերաբերում է մի բույսի, որ ես հիշատակելու եմ մի քանի տող ստորև՝ հսկա երնջնակ անունով։ Թե այդ իսկական ուղտափուշ է, թե ոչ — այդ ես չգիտեմ, բայց նա բոլորովին տարբերվում է կարդոնից և շատ ավելի նման է սովորական ուղտափշին։</ref> անհամեմատ շատ ավելի տարածված է, քան առաջինը։ Նա լինում է այս լայնություններում ամբողջ երկրամասի վրա, Կորդիլյերների երկու կողմերումն էլ։ Ես այդ բույսը տեսել եմ Չիլիի, Էնտրե Ռիոսի և Բանդա Օրիենտալի խուլ վայրերում։ Բանդա Օրիենտալում միայն տեղ-տեղ հարյուրավոր քառակուսի մղոն տարածություններ ծածկված են այս փշոտ բույսով և անթափանցելի են և՛ մարդու, և՛ կենդանիների համար։ Ալիքավոր հարթավայրերի վրա, այնտեղ, որտեղ տարածված են այս բույսերի մեծ մարգերը, ուրիշ ոչինչ չի կարող աճել։ Սակայն նրանց ներածումից առաջ պետք է որ այդ տեղերում գետինը ծածկված լիներ, ինչպես տեսնում ենք այլ մասերում, խիտ խոտով։ Հազիվ թե երբևիցե արձանագրված լինի մի այլ դեպք, որտեղ բերված բույսերն այսպիսի մեծ մասշտաբով ճնշած լինեն տեղական բույսերին։ Ինչպես ասացի վերևում՝ Սալադոյից հարավ ոչ մի տեղ կանգարի չեմ հանդիպել, բայց հավանորեն, որքան այդ շրջանը բնակելի դառնա, այնքան կանգարը կընդարձակի իր սահմանները։ Բոլորովին այլ դրություն է տիրում պամպասների խայտաբղետ տերևներով հսկա ուղտափշի համար. ես նրան հանդիպել եմ նաև Սաուսեի հովտում։ Համաձայն մր. Լայելի հայտնի սկզբունքների՝ քիչ երկրներ են ենթարկվել այնպիսի զարմանալի փոփոխության, ինչպիսիին ենթարկվեց Լա Պլատան 1535 թվից սկսած, երբ առաջին անգամ երևացին կոլոնիստները, իրենց հետ բերելով յոթանասուներկու ձի։ Ձիերի, խոշոր եղջերավոր անասունների և ոչխարների անհաշիվ հոտերը և նախիրները ոչ միայն փոխել են բուսականության ամբողջ տեսքը, այլ գրեթե ամբողջովին դուրս են մղել գուանակոն, եղջերուն և ջայլամը։ Պետք է որ տեղի ունեցած լինեն նաև այլ բազմաթիվ փոփոխություններ, հավանորեն որոշ տեղերում վայրի խոզը փոխարինում է պեկարիին (մշկախոզ)։ Վայրի շների ոհմակների ոռնոցը կարելի է լսել համեմատաբար ամայի առվակների ափերին գտնվող անտառներից, իսկ տնային կատուն, որը փոխվել է մի մեծ և կատաղի կենդանու, բնակվում է ժայռոտ բլուրների վրա։ Գիշատիչ անգղների թվի աճումը, այդ երկիրն ընտանի կենդանիներ ներածելուց հետո, ինչպես այդ նկատել է դ’Օրբինին, պետք է չափազանց մեծ լինի, և մենք փաստերի հիման վրա նշել ենք, որ այժմ այդ գիշատիչ թռչունները տարածվել են դեպի հարավ ավելի հեռու, քան առաջ։ Անկասկած, բացի կանգարից և սամիթից, շատ բույսեր հարմարվել են տեղի բնությանը. այսպես, Պարանայի գետաբերանին մոտիկ կղզիները խիտ ծածկված են նարնջի և դեղձի ծառերով։ Նրանք այնտեղ տարածվել են գետի ջրի տարած սերմերի միջոցով։
  
 
Երթ Գվարդիայում ձիերը փոխելու համար կանգ առանք, շատ մարդիկ հավաքվեցին մեր շուրջը և հարցումներ էին անում Ռոսասի բանակի մասին։ Ես չտեսա մի բան, որն այնպիսի խանդավառություն առաջացներ, ինչպես Ռոսասի արշավանքը և նրա սպասվելիք հաջող ելքն էր, մի պատերազմ, որը «բոլոր պատերազմներից ամենաարդարացին էր, որովհետև այն ուղղված էր բարբարոսների դեմ»։ Պետք է խոստովանել որ այս արտահայտությունը շատ բնական էր, որովհետև մինչև վերջերս ոչ ձիերն էին հնդիկների հարձակումներից ազատ, ոչ կանայք և ոչ էլ տղամարդիկ։ Մի ամբողջ երկար օր ձիերով անցնում էինք միևնույն փարթամ կանաչ հարթավայրով, որտեղ արածում էին մեծ թվով զանազան նախիրներ և այս ու այն կողմ էլ երևում էին առանձնացած ֆերմաներ, որոնց մոտ լինում էր միակ օմբու ծառը։ Երեկոյան շատ ուժեղ անձրև եկավ. ժամանեցինք մի կայարան, բայց տերը մեզ ասաց, որ եթե օրինավոր անցագրեր չկան, ուրեմն պետք է շարունակել ճանապարհը, որովհետև ավազակների թիվն այնքան շատ է, որ ինքը չի կարող ոչ ոքի հավատ ընծայել։ Սակայն երբ նա կարդաց իմ անցագիրը, որն սկսվում էր „El Naturalista Don Carlos”, նրա հարգանքն ու քաղաքավարությունը նույնքան անսահման էին, ինչպես նախքան այդ նրա կասկածն էր։ Թե ինչ կարող էր լինել մի բնագետ — այդ մասին հավանորեն ոչ ինքը գաղափար ուներ, ոչ էլ իր հայրենակիցներից որևէ մեկը, բայց ամենայն հավանականությամբ դրանից իմ տիտղոսն իր արժեքից ոչինչ չկորցրեց։
 
Երթ Գվարդիայում ձիերը փոխելու համար կանգ առանք, շատ մարդիկ հավաքվեցին մեր շուրջը և հարցումներ էին անում Ռոսասի բանակի մասին։ Ես չտեսա մի բան, որն այնպիսի խանդավառություն առաջացներ, ինչպես Ռոսասի արշավանքը և նրա սպասվելիք հաջող ելքն էր, մի պատերազմ, որը «բոլոր պատերազմներից ամենաարդարացին էր, որովհետև այն ուղղված էր բարբարոսների դեմ»։ Պետք է խոստովանել որ այս արտահայտությունը շատ բնական էր, որովհետև մինչև վերջերս ոչ ձիերն էին հնդիկների հարձակումներից ազատ, ոչ կանայք և ոչ էլ տղամարդիկ։ Մի ամբողջ երկար օր ձիերով անցնում էինք միևնույն փարթամ կանաչ հարթավայրով, որտեղ արածում էին մեծ թվով զանազան նախիրներ և այս ու այն կողմ էլ երևում էին առանձնացած ֆերմաներ, որոնց մոտ լինում էր միակ օմբու ծառը։ Երեկոյան շատ ուժեղ անձրև եկավ. ժամանեցինք մի կայարան, բայց տերը մեզ ասաց, որ եթե օրինավոր անցագրեր չկան, ուրեմն պետք է շարունակել ճանապարհը, որովհետև ավազակների թիվն այնքան շատ է, որ ինքը չի կարող ոչ ոքի հավատ ընծայել։ Սակայն երբ նա կարդաց իմ անցագիրը, որն սկսվում էր „El Naturalista Don Carlos”, նրա հարգանքն ու քաղաքավարությունը նույնքան անսահման էին, ինչպես նախքան այդ նրա կասկածն էր։ Թե ինչ կարող էր լինել մի բնագետ — այդ մասին հավանորեն ոչ ինքը գաղափար ուներ, ոչ էլ իր հայրենակիցներից որևէ մեկը, բայց ամենայն հավանականությամբ դրանից իմ տիտղոսն իր արժեքից ոչինչ չկորցրեց։
  
'''Սեպտեմբերի 20.'''— Կեսօրին հասանք Բուենոս Այրես։ Քաղաքի շրջակայքը շատ գեղեցիկ էր երևում. ագավենու թփուտները, ձիթենու պուրակները, դեղձի ծառերը, ուռենիները, բոլորը տարածել էին իրենց թարմ կանաչ տերևները։ Ես իջա մր. Լըմբի տունը, մի անգլիացի առևտրականի, որի հյուրասիբությունը և ցույց տված աջակցություններն իմ այնտեղ մնալու ժամանակ՝ ինձ չափազանց երախտապարտ թողին։
+
'''Սեպտեմբերի 20.'''— Կեսօրին հասանք Բուենոս Այրես։ Քաղաքի շրջակայքը շատ գեղեցիկ էր երևում. ագավենու թփուտները, ձիթենու պուրակները, դեղձի ծառերը, ուռենիները, բոլորը տարածել էին իրենց թարմ կանաչ տերևները։ Ես իջա մր. Լըմբի տունը, մի անգլիացի առևտրականի, որի հյուրասիրությունը և ցույց տված աջակցություններն իմ այնտեղ մնալու ժամանակ՝ ինձ չափազանց երախտապարտ թողին։
  
Բուենոս Այրես քաղաքը մեծ է<ref>Ասում են, որ այդ քաղաքը 60 000 բնակիչ ունի։ Երկրորդ քաղաքը՝ Մոնտեվդեոն, որը գտնվում է Պլատայի ափերին, 15 000 բնակիչ ունի։</ref> և, կարծում եմ, որ կարող է համարվել աշխարհի ամենականոնավոր քաղաքներից մեկը։ Յուրաքանչյուր փողոց իր կտրած փողոցի նկատմամբ կազմում է ուղղանկյուն, իսկ զուգահեռ փողոցները բոլոր մասերում գտնվում են իրարից հավասար հեռավորության վրա։ Տները համախմբված են հավասար կողմերով քառանկյուն տարածություններում, որոնք կոչվում են քառակուսիներ (quadras)։ Մյուս կողմից՝ այս տները ներկայացնում են քառանկյուններ, բոլոր սենյակները բացվում են մի կոկիկ գավթի վրա։ Սովորաբար նրանք լինում են մեկ հարկանի տափակ տանիքով։ Տանիքների վրա դնում են նստարաններ, և ամառը բնակչությունը սիրում է հավաքվել տանիքներում։ Քաղաքի կենտրոնում գտնվում է. հրապարակը (plaza), որտեղ գտնվում են պետական գրասենյակները, բերդը, տաճարը և այլն։ Այստեղ էին գտնվում նաև ռևոլուցիայից առաջ եղած փոխարքաների պալատները։ Տների ընդհանուր համախմբված տեսքը բարձր ճարտարապետական գեղեցկություն ունի, թեև առանձին-առանձին վերցրած ոչ մի տուն այդ գեղեցկությունը չունի։
+
Բուենոս Այրես քաղաքը մեծ է<ref>Ասում են, որ այդ քաղաքը 60 000 բնակիչ ունի։ Երկրորդ քաղաքը՝ Մոնտեվիդեոն, որը գտնվում է Պլատայի ափերին, 15 000 բնակիչ ունի։</ref> և, կարծում եմ, որ կարող է համարվել աշխարհի ամենականոնավոր քաղաքներից մեկը։ Յուրաքանչյուր փողոց իր կտրած փողոցի նկատմամբ կազմում է ուղղանկյուն, իսկ զուգահեռ փողոցները բոլոր մասերում գտնվում են իրարից հավասար հեռավորության վրա։ Տները համախմբված են հավասար կողմերով քառանկյուն տարածություններում, որոնք կոչվում են քառակուսիներ (quadras)։ Մյուս կողմից՝ այս տները ներկայացնում են քառանկյուններ, բոլոր սենյակները բացվում են մի կոկիկ գավթի վրա։ Սովորաբար նրանք լինում են մեկ հարկանի տափակ տանիքով։ Տանիքների վրա դնում են նստարաններ, և ամառը բնակչությունը սիրում է հավաքվել տանիքներում։ Քաղաքի կենտրոնում գտնվում է հրապարակը (plaza), որտեղ գտնվում են պետական գրասենյակները, բերդը, տաճարը և այլն։ Այստեղ էին գտնվում նաև ռևոլուցիայից առաջ եղած փոխարքաների պալատները։ Տների ընդհանուր համախմբված տեսքը բարձր ճարտարապետական գեղեցկություն ունի, թեև առանձին-առանձին վերցրած ոչ մի տուն այդ գեղեցկությունը չունի։
  
 
Մեծ կորալները, որտեղ պահում են մսատու կենդանիներ՝ այս երկրի մսակեր բնակչությանը սնունդ մատակարարելու համար, հանդիսանում են այնպիսի հետաքրքրական տեսարաններ, որոնք արժանի են առանձին ուշադրության։
 
Մեծ կորալները, որտեղ պահում են մսատու կենդանիներ՝ այս երկրի մսակեր բնակչությանը սնունդ մատակարարելու համար, հանդիսանում են այնպիսի հետաքրքրական տեսարաններ, որոնք արժանի են առանձին ուշադրության։

12:31, 3 Հունվարի 2017-ի տարբերակ

Շուրջերկրյա Ճանապարհորդություն «Բիգլ» Նավով

հեղինակ՝ Չարլզ Դարվին
թարգմանիչ՝ Ս. Ալեմյան (անգլերենից)
աղբյուր՝ «Շուրջերկրյա Ճանապարհորդություն «Բիգլ» Նավով»



ՕՐԱԳԻՐ

Բովանդակություն

ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽ։ ՍԱՆՏ ՅԱԳՈ — ԿԱՆԱՉ ՀՐՎԱՆԴԱՆԻ ԿՂԶԻՆԵՐ

Պորտո Պրաիա.— Ռիբեյրա Գրանդե.— Մթնոլորտային փոշի՝ ինֆուզորիաներով.— Ծովային մի խխունջ (Aplysia) և թանաքաձկան սովորությունները.— Սուրբ Պողոսի ժայռերը՝ ոչ հրաբխային.— Յուրահատուկ կեղևարկումներ.— Միջատները որպես կղզիների առաջին բնակիչներ.— Ֆերնանդո Նորոնյա.— Բահիա.— Հղկված ժայռեր.— Երկատամ ձկան (Diodon) սովորությունները.— Ծովային ջրիմուռներ և ինֆուզորիաներ.— Ծովի երանգավորման պատճառները։

«Բիգլ» նավը՝ նորին վեհափառության տասը թնդանոթակիր մի բրիգ (երկկայմ նավ)՝ կապիտան Ռ. Ն. Ֆից Ռոյի հրամանատարությամբ, հարավ-արևմտյան ուժգին քամիներից երկու անգամ ետ մղվելուց հետո, 1831 թվականի դեկտեմբերի 27-ին դուրս եկավ Դևոնպորտ նավահանգստից։ Մեր էքսպեդիցիայի նպատակն էր՝ լրացնել Պատագոնիայի և Հրո Երկրի քարտեզահանումները, որ սկսել էր կապիտան Կինգը (1826—30 թվականներին), քարտեզահանել Չիլիի և Պերուի ափերը, խաղաղ-օվկիանոսյան մի քանի կղզիներ և տանել աշխարհի շուրջը քրոնոմետրական չափումների մի շղթա։ Հունվարի 6-ին հասանք Տեներիֆ, բայց մեզ թույլ չտվին ափ իջնել. վախենում էին, թե մեզ հետ խոլերա կարող էինք բերած լինել։ Հաջորդ առավոտը տեսանք Գրան Կանարիա կղզու, խորտուբորտ ուրվագծի հետևից բարձրացող արեգակը և Տեներիֆի գագաթի հանկարծակի լուսավորումը, մինչ ստորին մասերը ծածկված էին նոսր ամպերով։ Այս առաջինն էր այն բազմաթիվ բերկրալի օրերից, որոնք երբեք չեն մոռացվելու։ 1832 թվականի հունվարի 16-ին խարիսխ գցեցինք Կանաչ Հրվանդանի արշիպելագի գլխավոր կղզի Սանտ Յագոյի Պորտո Պրաիա քաղաքի մոտ։

Ծովից դիտելիս Պորտո Պրաիայի շրջակայքը ամայի տեսք ունի։ Անցած դարաշրջանի հրաբխային կրակները և տրոպիկական արևի կիզիչ ճառագայթները շատ տեղերում հողը դարձրել են անբերրի։ Այդ վայրը ներկայացնում է հետզհետե բարձրացող աստիճանաձև սարահարթներ, որոնց վրա այստեղ և այնտեղ ցրված են հատված կատարներով կոնաձև բլուրներ, իսկ հեռվում հորիզոնը եզերված է ավելի բարձր սարերի մի անկանոն շղթայով։ Այս մշուշոտ մթնոլորտի միջից երևացող տեսարանը չափազանց հետաքրքրական է։ Երբ մեկը, ծովից նոր ափ իջած, առաջին անգամ քայլում է կոկոսյան արմավենիների պուրակի միջով, հազիվ թե, բացի իր երջանկությունից, մտածի մի որևէ այլ բանի մասին։ Կղզին ինքնին ընդհանրապես կարող է շատ անհետաքրքրական լինել, բայց անգլիական տեսարանների վարժված մարդու վրա այդ բոլորովին չոր, անբերրի ցամաքի նոր տեսքն ավելի մեծ տպավորություն է գործում, քան կարող էր գործել, եթե հարուստ բուսականություն ունենար։ Լավայով ծածկված ընդարձակ հարթությունների վրա գտնվում են հատուկենտ կանաչ տերևներ, այնուամենայնիվ այնտեղ կարողանում են իրենց գոյությունը պահպանել այծերի հոտեր, որոնց հետ նաև մի քանի կով։ Անձրև գալիս է շատ հազվադեպ, բայց տարվա որոշ կարճ ժամանակաշրջանում թափվում են հորդառատ անձրևներ, որոնց անմիջապես հաջորդում է մի շրջան, երբ ամեն մի ճեղքից երևում են վտիտ բույսեր։ Սրանք շուտով չորանում են, և այս չորացած բնական կերից է կախված կենդանիների գոյությունը։ Այդ տարին անձրև բոլորովին չէր եկել։ Կղզին հայտնագործվելու ժամանակ Պորտո Պրաիայի անմիջական շրջակայքը ծածկված է եղել ծառերով[1], որոնց անհոգ ոչնչացումն այստեղ, ինչպես և Սուրբ Հեղինեի կղզում և Կանարյան մի քանի կղզիներում, առաջացրել է այս չոր և անբերրի վիճակը։ Լայն ու հարթ հատակով հովիտները, որոնցից շատերը անձրևային եղանակներին կարճ ժամանակով ծառայում են որպես ջրանցքներ, ծածկված են անտերև թփերի մացառուտներով։ Այս հովտում շատ քիչ կենդանի էակներ են ապրում։ Այս տեղի ամենատարածված թռչունն ալկիոնն (Dacelo Iagoensis) է, որը հանգիստ նստում է գյանագերչակի ճյուղերին և այնտեղից մերթընդմերթ նետվում մորեխների և մողեսների վրա։ Նրա փետուրների գույնը պայծառ է, բայց եվրոպական տեսակների չափ գեղեցիկ չէ, իր թռիչքով, շարժուձևով, բնակության տեղով, որ սովորաբար ամենաչոր հովիտներն են լինում, նույնպես մեծ չափով տարբերվում է եվրոպական տեսակներից։

Մի օր երկու սպա և ես ձիով գնացինք Ռիբեյրա Գրանդե գյուղը, որր գտնվում է Պորտո Պրաիայի արևելյան կողմում, մի քանի մղոն հեռավորության վրա։ Մինչև Սուրբ Մարտին հովիտը հասնելը շրջապատը ներկայացնում Էր սովորական թուխ տեսքով մի տաղտկալի տարածություն, բայց այստեղ մի շատ փոքրիկ առվակ իր եզերքների վրա առաջացրել էր թարմացնող փարթամ բուսականություն։ Մի ժամում հասանք Ռիբեյրա Գրանդե և զարմացել էինք՝ տեսնելով ավերված մի մեծ բերդ և մի մայր եկեղեցի։ Այս փոքրիկ քաղաքը, քանի դեռ նրա նավահանգիստը ավազով լցված չէր, կղզու ամենագլխավոր վայրն էր, այժմ նրա տեսքը, թեև բավականին տխուր, բայց գեղանկար է։ Մեզ առաջնորդելու համար մեզ հետ վերցնելով մի սևամորթ քահանայի և որպես թարգման՝ մի սպանացու, որը մասնակցել էր թերակղզու կռիվներին,[2] այցելեցինք մի շարք շենքեր, որոնց էական մասը կազմում էր մի հին եկեղեցի։ Այստեղ են թաղվել կղզիների նահանգապետները և ընդհանուր հրամանատարները։ Տապանաքարերից մի քանիսի վրա կային 16-րդ դարի արձանագրություններ։[3] Այս մեկուսացած վայրի միակ բաները, որոնք մեզ հիշեցնում էին Եվրոպան, հեբալդական զարդերն էին։ Եկեղեցին կամ մատուռը կազմում էր քառանկյունու մի կողմը, որի մեջտեղից բարձրանում էր բանանի թփերի մի մեծ խուրձ։ Մյուս կողմում գտնվում էր մի անկելանոց, որն ուներ մոտավորապես տասներկու բնակիչ՝ ողորմելի տեսքով։

Վերադարձանք հյուրանոց ճաշելու։ Տղամարդկանց, կանանց և երեխաների մի մեծ բազմություն հավաքվել էր մեզ դիտելու։ Նրանք բոլորն էլ սաթի նման սև էին։ Մեր ուղեկիցները չափազանց ուրախ էին, և ինչ որ ասում էինք կամ անում՝ նրանց բարձր ծիծաղ էր պատճառում։ Քաղաքից հեռանալուց առաջ այցելեցինք մայր եկեղեցին։ Նա փոքրիկ եկեղեցու չափ հարուստ չի երևում, բայց կարող է պարծենալ իր փոքր երգեհոնով, որը եզակիորեն աններդաշնակ աղմուկ էր առաջացնում։ Մեր առաջնորդ սևամորթ քահանային ընծայեցինք մի քանի շիլինգ,[4] իսկ սպանացին, շոյելով նրա գլուխը, մի առանձին պարզությամբ ասաց, որ ինքը կարծում է, թե նրա սև գույնը մեծ դժբախտություն չի հանդիսանում։ Մենք վերադարձանք Պորտո Պրաիա այնքան արագ, որքան մեր ձիերը կարող էին վազել։

Մի այլ օր դուրս եկանք դեպի Սան Դոմինգո գյուղը, որը գտնվում էր կղզու մոտավորապես կենտրոնում։ Մեր անցած փոքր հարթավայրի վրա աճում էին մի քանի գաճաճ ակացիաներ։ Նրանց գագաթները շարունակ փչող պասատ քամիներից ծռվել էին։ Տարօրինակ կերպով նրանցից մի քանիսը իրենց բների հետ նույնիսկ կազմել էին ուղիղ անկյուն։ Ճյուղերի ուղղությունը ճիշտ հյուսիս, հյուսիս-արևելք, և հարավ, հարավ-արևմուտք էր, և այս բնական հողմացույցները պետք է որ ցույց տան պասատ քամու ուժի տիրապետող ուղղությունը։ Մարդկանց ճանապարհորդությունն այնքան քիչ ազդեցություն էր թողել լերկ գետնի վրա, որ մենք մեր ճանապարհը կորցրած, բռնել էինք Ֆուենտես գյուղի ուղին։ Մինչև Ֆուենտես հասնելը ոչինչ չէինք իմացել այդ մասին և հետագայում ուրախ էինք, որ սխալվել էինք։ Ֆուենտեսը փոքրիկ գետակով մի գեղեցիկ գյուղ է։ Թվում էր, թե այստեղ ամեն ինչ լավ է բարգավաճում, բացի իր բնակիչներից, որոնք ամենից հաջողը պետք է լինեին։ Ամբողջովին մերկ և չափազանց թշվառ տեսքով սև երեխաներն իրենց մարմնի կեսի մեծությունն ունեցող խրձերով փայտ էին կրում։ Ֆուենտեսի մոտ մենք տեսանք գվինեական հավերի մի մեծ երամ՝ մոտավորապես 50—60 հատ։ Նրանք չափազանց զգուշ էին, և հնարավոր չէր նրանց մոտենալ։ Նրանք խույս էին տալիս մեզնից և գլուխները բարձր՝ վազում էին սեպտեմբերյան անձրևային օրերի կաքավների նման. երբ հետևեցինք, նրանք հեշտությամբ թռան։

Սան Դոմինգոյի տեսարանն ունի բոլորովին անսպասելի գեղեցկություն, նկատի ունենալով կղզու մնացած մասերի ընդհանուր մռայլ պատկերը։ Գյուղը զետեղված է մի հովտում՝ շերտավոր լավայի ցցուն և բարձր պատերով շրջապատված։ Սև ժայռերը կատարյալ հակապատկեր են ներկայացնում շրջապատի կանաչ, շքեղ բուսականության, որն աճում է վտիտ փոքրիկ առվակի եզրին։ Պատահականորեն այդ օրը տոնական էր, և գյուղը լցված էր մարդկանցով։ Վերադարձին հանդիպեցինք մի խումբ, մոտավորապես քսան, երիտասարդ սևամորթ աղջիկների, որոնք հագնված էին ընտիր ճաշակով։ Նրանց սև մաշկը և ձյան պես սպիտակ զգեստները գլխի բազմերանգ շորերի և մեծ շալերի հետ հակապատկեր էին կազմում։ Հենց որ մոտեցանք նրանց, բոլորը հանկարծակի շուռ եկան և ճանապարհը ծածկելով իրենց շալերով՝ մեծ եռանդով սկսեցին երգել մի վայրենի երգ, պահելով տակտը՝ ձեռքերն ազդրերին խփելով։ Մենք նրանց գցեցինք մի քանի մետաղադրամ, որն ընդունեցին ուրախության ճիչերով, և երբ հեռացանք նրանցից՝ կրկնապատկեցին իրենց երգի ձայնը։

Մի առավոտ տեսարանը բացառիկ պարզ էր։ Հեռավոր լեռներն ամենասուր գծերով պատկերանում էին մուգ-կապույտ ամպերի ծանր թմբերի վրա։ Այդ երևույթից և Անգլիայում պատահող նույնօրինակ դեպքերից դատելով՝ ենթադրեցիք որ օդը հագեցած է խոնավությամբ։ Սակայն փաստը բոլորովին հակառակը դուրս եկավ։ Խոնավաչափը ցույց էր տալիս օդի ջերմաստիճանի և ցողի կետի միջև 20,6 աստիճանի տարբերություն։ Այս տարբերությունը նախորդ առավոտվա իմ դիտած տարբերությունից մոտավորապես երկու անգամ մեծ էր։ Մթնոլորտային այս անսովոր չորության հետ միասին տեղի էին ունենում կայծերի շարունակվող փայլատակումներ։ Արտասովոր դեպք չէ՞ արդյոք այսպիսի եղանակին մթնոլորտի այդ աստիճան թափանցիկ լինելը։

Ընդհանրապես մթնոլորտն այստեղ մշուշոտ է, և սրա պատճառն ընկնող անշոշափելի նուրբ փոշին է, որը, ինչպես պարզվեց, քիչ չափով վնասել էր մեր աստղագիտական գործիքներին։ Պորտո Պրաիայում խարիսխ գցելու նախորդ առավոտը ես մի փոքրիկ ծրարի մեջ հավաքել էի այս թխագույն նուրբ փոշուց, որն, ըստ երևույթին, ֆիլտրվել էր՝ քամու միջոցով կայմի գլխի հողմացույցի բարակ շղարշից անցնելով։ Մր. Լայելը նույնպես տվել է ինձ չորս ծրար այս փոշուց, որ թափվել է մի նավի վրա, այս կղզիներից մի քանի հարյուր մղոն դեպի հյուսիս։ Պրոֆեսոր Էրենբերգը[5] գտնում է, որ այս փոշին մեծ մասամբ կազմված է սիլիցիումային վահան ունեցող ինֆուզորիաներից և բույսերի սիլիցիումային հյուսվածքներից։ Իմ ուղարկած հինգ փոքրիկ ծրարներում նա գտել է ոչ պակաս քան վաթսունյոթ տարբեր օրգանական ձևեր։ Բացառությամբ երկու ծովային տեսակների, մնացած բոլոր ինֆուզորիաները բնակվում են անուշ ջրերում։ Ես գտել եմ ոչ պակաս քան տասնհինգ տարբեր տեղեկագրեր, որոնք վերաբերում են Ատլանտյան օվկիանոսի ափերից հեռու լողացող նավերի վրա թափվող փոշուն։ Նկատի ունենալով քամու ուղղությունը նրա թափվելու ժամանակ և այն, որ նա թափվում է այն ամիսներին, երբ, հայտնի է, հարմատանը (ջերմաշունչ քամի) փոշու ամպեր է բարձրացնում վերև՝ մթնոլորտի մեջ, կարելի է վստահորեն ասել, որ այս ամբողջ փոշին գալիս է Աֆրիկայից։ Սակայն մենք կանգնում ենք մի եզակի փաստի առաջ. թեև պրոֆեսոր Էրենբերգը ճանաչում է բազմաթիվ ինֆուզորիաներ, որոնք յուրահատուկ են Աֆրիկային, բայց իմ ուղարկած փոշու մեջ այդ աֆրիկյան ինֆուզորիաներից ոչ մեկը նա չի գտել. ընդհակառակը, նա գտել է դրանց մեջ երկու տեսակ, որոնք, որքան իրեն հայտնի է, ապրում են միայն հարավային Ամերիկայում։ Այնքան առատ է թափվում այս փոշին, որ աղտոտում է նավի վրա գտնվող բոլոր իրերը և վնասում մարդկանց աչքերը. մինչև անգամ եղել են դեպքեր, երբ մթնոլորտի աղոտության պատճառով նավերն ընկել են ծանծաղուտները։ Հաճախ այդ փոշին թափվել է այնպիսի նավերի վրա, որոնք մի քանի հարյուր կամ մինչև անգամ հազար մղոնից ավելի հեռու են եղել Աֆրիկայի ափերից և գտնվել են այնպիսի կետերում, որոնք հյուսիս-հարավ ուղղությամբ իրարից հազար վեց հարյուր մղոն հեռավորություն են ունեցել։ Ցամաքից երեք հարյուր մղոն հեռու գտնվող մի նավի վրայից հավաքած փոշու մեջ մեծ զարմանքով գտա նուրբ նյութի հետ խառնված քարի մասնիկներ, որոնք մեկ քառակուսի մատնաչափի հազարերորդական մասից մեծ էին։ Այս փաստից հետո զարմանալի չպետք է լինի անհամեմատ ծանր և թեթև կրիպտոգամային բույսերի սպորների դիֆուզիան։

Այս կղզու բնապատմության ամենահետաքրքրական մասը նրա գեոլոգիան է։ Նավահանգիստը մտնելիս կարելի է տեսնել ծովափի ժայռի մակերեսին մի կատարյալ հորիզոնական սպիտակ երիզ, որը մի քանի մղոն տարածվում է ափի երկայնքով, և որի բարձրությունը ծովի մակերևույթից մոտավորապես քառասուն հինգ ոտնաչափ է։ Հետազոտությունից պարզվում է, որ այս սպիտակ շերտը բաղկացած է կրային նյութից, որի մեջ ներփակված են բազմաթիվ խեցիներ, որոնց մեծ մասը կամ բոլորը պատկանում են այն տեսակներին, որոնք ներկայումս էլ ապրում են հարևան ափում։ Այս շերտը նստել է հրաբխային հին ապառների վրա և ծածկվել է բազալտի մի հոսքով, որը պետք է ծովը հոսած լինի այն ժամանակ, երբ սպիտակ խեցային շերտը գտնվելիս է եղել ծովի հատակին։ Հետաքրքրական է դիտել այն փոփոխությունները, որոնք ծածկող լավայի ջերմությունից առաջացել են այս խրխիր զանգվածի վրա, որը որոշ մասերում փոխարկվել է բյուրեղային, իսկ մյուս մասերում՝ հոծ բծավոր կրաքարի։ Երբ այդ կրաքարը ներփակվել է լավայի հոսքի ստորին մակերևույթի շլականման բեկորներում, նա փոխարկվել է արագոնիտի նմանվող գեղեցիկ, ճառագայթաձև թելերի խուրձերի։ Լավայի շերտերը փոքր թեքության հաջորդական հարթություններով բարձրանում են դեպի կղզու խորքերը, որտեղով սկզբում ընթացել են այդ հալված քարի հեղեղները։ Ես կարծում եմ, որ Սանտ Յագոյի որևէ մասում պատմական ժամանակաշրջանների ընթացքում հրաբխային գործունեության ոչ մի նշան չի ցուցաբերվել։ Մինչև անգամ բազմաթիվ կարմիր, մոխրագույն բլուրների գագաթների վրա խառնարանի ձև հազվադեպ կարելի է գտնել։ Ծովափում կարելի է դեռ տարբերել ավելի նոր լավայի հոսանքները, որոնք կազմում են նվազ բարձրության խարակների գծեր, բայց ավելի հեռու են տարածվում, քան հին սերիային պատկանողները։ Այսպիսով, խարակների բարձրությունը ցույց է տալիս լավայի տարիքի մոտավոր չափը։

Մեր այնտեղ մնալու ժամանակամիջոցում ես դիտում էի մի քանի ծովային կենդանիների սովորությունները։ Շատ տարածված է ծովային մեծ խխունջը (Aplysia)։ Այս ծովային խխունջի երկարությունը մոտ հինգ մատնաչափ է և ունի կեղտոտ, դեղնավուն գույն, ծիրանի երանգավորումով։ Ստորին մասի կամ ոտքերի յուրաքանչյուր կողմում կա մի լայն թաղանթ, որն, ըստ երևույթին, երբեմն գործում է որպես վենտիլատոր՝ թիկնային խռիկների կամ թոքերի վրայով ջրի հոսանք առաջացնելով։ Նա սնվում է ծովային ջրիմուռներով, որոնք աճում են ծանծաղ և տղմուտ ջրում՝ քարերի արանքներում. և ես նրա ստամոքսում գտա մի քանի մանրախիճ, ինչպես պատահում է թռչունների քարճիկներում։ Այս խխունջը, երբ նրան վրդովում են, արձակում է մի շատ գեղեցիկ, ծիրանի կարմիր հեղուկ, որը մի ոտնաչափ շրջապատով գունավորում է շուրջը։ Բացի պաշտպանության այս միջոցից, նա արտադրում է նաև մի կծու հյութ, որը տարածվում է նրա մարմնի վրա և կարող է պատճառել սուր, խայթող զգայություն։

Ինձ համար շատ հետաքրքրական էր երբեմն դիտել թանաքաձկան (Octopus) սովորությունները։

Թեև տեղատվություններից առաջացած լճակներում սրանք սովորական են, բայց հեշտ չէին բռնվում։ Երկար բազուկների և ծծանների միջոցով նրանք կարողանում էին իրենց մարմինը քաշել դեպի ամենանեղ խոռոչները, և այնտեղ տեղավորվելուց հետո մեծ ուժ էր պահանջվում նրանց դուրս բերելու համար։ Երբեմն նրանք նետվում էին հետևից առաջ և նետի արագությամբ սլանում էին լճակի մի ծայրից մյուսը և միաժամանակ փոխում ջրի գույնը մուգ-շագանակագույն հեղուկով։ Այդ կենդանիները նաև խուսափում էին հայտնաբերվելուց, չափազանց արտասովոր կերպով՝ քամելեոնի նման իրենց գույնը փոխելու կարողությամբ։ Երևում է, որ սրանք իրենց գույները փոփոխում էին՝ նայած բնույթին այն գետնի, որի վրայով անցնում էին. խորը ջրում եղած ժամանակ նրանց ընդհանուր գույնը ալ-շագանակագույն էր, բայց երբ դրվում էին ցամաքի վրա կամ ծանծաղ ջրում, այս մութ գույնը փոխվում էր դեղնավուն կանաչի։ Ավելի մանրազնին քննելուց հետո նա երևում էր գորշ գույնի, բազմաթիվ մանր բաց-դեղին բծերով։ Այս գույներից առաջինը փոփոխվում էր ինտենսիվությամբ, իսկ երկրորդը հաջորդաբար ամբողջովին անհետանում էր և նորից երևում։ Այս փոփոխություններն այնպես էին կատարվում, որ թվում էր, թե նրա մարմնով շարունակ անցնում էին կարմրի և շագանակագույնի միջև փոփոխվող երանգներով ամպեր. որևէ մաս էլեկտրական ամենափոքր հոսանքի ենթարկելիս՝ գրեթե սևանում էր. միևնույն էֆեկտն էր ստացվում, թեև նվազ չափով, ասեղով մաշկը քերելիս։ Այս ամպերը, կամ այսպես կոչված շիկնանքը, առաջանում են, ինչպես ասում են, տարբեր գույնի հեղուկներ պարունակող մանր բշտիկների փոփոխակի լայնացումից և կծկումից։[6]

Այս թանաքաձուկն (Octopus) իր քամելեոնական զորությունը ցուցաբերում էր թե՛ լողալու գործողության ընթացքում և թե՛ այն ժամանակ, երբ հանդարտ մնում էր հատակի վրա։ Շատ էի զվարճանում՝ դիտելով այն զանազան մեթոդները, որ գործադրում էր այդ կենդանիներից մեկը՝ երևալուց խույս տալու համար, կարծեք թե նա լավ իրազեկ էր, որ ես հսկում էի իրեն։ Որոշ ժամանակ անշարժ մնալուց հետո՝ գաղտագողի շարժվում էր մեկ կամ երկու մատնաչափ առաջ, ինչպես կատուն մկան հետևից։ Երբեմն գույնը փոխելով՝ քիչ-քիչ շարժվում էր առաջ, մինչև հասավ մի խոր տեղ, այնուհետև հեռացավ նետի արագությամբ՝ իր հետևում թողնելով հեղուկի մուգ հետք, ներս սողացած ծակը թաքցնելու համար։

Մինչդեռ ժայռոտ ափին թեքված՝ գլուխս երկու ոտնաչափ բարձր բռնած նայում էի ծովային կենդանիներին, մի քանի անգամ ինձ ողջունեցին ջրի ցայտերը, որոնց ուղեկցում էր մի թույլ շաչող աղմուկ։ Սկզբում չէի կարող հասկանալ, թե ի՛նչ կարող էր լինել այդ, բայց հետո իմացա, որ հենց թանաքաձուկն էր, որը, թեև խոռոչում թաքնված, հաճախ այս եղանակով մատնում էր ինձ իր ներկայությունը։ Որ նա ունի ջուր ցայտելու կարողություն, այդ մասին կասկած չի կարող լինել, և ինձ թվաց, թե նա նույնիսկ ուղղելով իր մարմնի տակի կողմը գտնվող խողովակը կամ սիֆոնը՝ կարող էր լավ նշան բռնել։ Իրենց գլուխները դժվար տեղափոխելու պատճառով՝ այդ կենդանիները չեն կարող հեշտությամբ սողալ, երբ գետնի վրա դրվեն։ Դրանցից մեկը, որ պահում էի նախասենյակում, մթության մեջ թույլ ֆոսֆորային շող էր արձակում։

Սուրբ Պողոսի ժայռերը.— Կտրելով Ատլանտյան օվկիանոսը՝ փետրվարի 16-ի առավոտյան հասանք Սուրբ Պողոսի կղզին։ Այս ապառաժների կույտն ընկած է 0°58՛ հյուսիսային լայնության և 29°15՛ արևմտյան երկայնության վրա։ Նա Ամերիկայի ափից հեռու է 540 մղոն, իսկ Ֆերնանդո Նորոնյա կղզուց՝ 350։ Նրա ամենաբարձր կետը ծովի մակերևույթից միայն 50 ոտնաչափ է բարձր, և ամբողջ շրջագիծը երեք քառորդ մղոնից պակաս է։

Այս փոքրիկ կղզին բարձրանում է օվկիանոսի անդունդից։ Նրա հանքաբանական կազմությունը բավականին բարդ է, որոշ մասերում ապառները սիլիցիումային են, մյուս մասերում դաշտային շպատի բնույթ ունեն և ներփակում են սերպենտինի բարակ երակներ։

Նշանակալի փաստ է, որ բոլոր փոքր կղզիները, որոնք ընկած են որևէ մայր ցամաքից հեռու, Խաղաղ, Հնդկական և Ատլանտյան օվկիանոսներում, բացառությամբ Սեյշելների և այս փոքրիկ կղզու, բաղկացած են կամ կորալներից, կամ ժայթքող նյութերից։ Այս օվկիանոսային կղզիների հրաբխային բնույթն ակնհայտորեն տարածում է այդ օրենքի և հետևանքն է այդ միևնույն քիմիական կամ մեխանիկական պատճառների, որոնցից առաջանում է այն, որ ներկայումս գոյություն ունեցող գործող հրաբուխների մեծ մասը գտնվում է կամ ծովափի մոտ կամ ծովի մեջ որպես կղզի։

Սուրբ Պողոսի ժայռերը որոշ հեռավորությունից երևում են շողշողուն սպիտակ գույնով։ Այս առաջանում է մեծ մասամբ մեծ քանակությամբ ծովային թռչունների աղբի շնորհիվ և մասամբ էլ ժայռերը պատող կարծր, ողորկ մարգարտափայլ նյութի, որն ամուր միացած է ապառաժի մակերեսին։ Երբ խոշորացույցով քննում են, պարզվում է, որ նա բաղկացած է բազմաթիվ խիստ բարակ շերտերից, նրա ամբողջ հաստությունը մեկ տասերորդ մատնաչափից չի անցնում։ Նա պարունակում է մեծ քանակությամբ կենդանական նյութեր և անկասկած առաջացել է թռչունների աղբի վրա անձրևի կամ ցողի գործած ազդեցությունից։ Համբարձման կղզու և Աբրոլյոս կղզիներում գուանոյի փոքրիկ զանգվածների տակ գտա որոշ ստալակտիտային ճյուղավորված մարմիններ, որոնք, ըստ երևույթին, առաջացել են նույն եղանակներով, ինչ որ այս բարակ, սպիտակ շերտերը ժայռերի վրա։ Այս ճյուղավորված մարմիններն ընդհանուր տեսքով այնքան նման են որոշ նուլլիպորաների (Nulliporae — ծովային ջրիմուռների մի ընտանիք), որ հետագայում, երբ թռուցիկ կերպով, նայում էի իմ կոլեկցիային, չկարողացա նրանց տարբերությունը նկատել։ Ճյուղերի գնդաձև վերջավորություններն ունեն մարգարտի հորինվածք, ինչպես ատամի էմալը, բայց այնքան կարծր, որ կարող են ապակին խազել։ Այստեղ կարող եմ հիշատակել և այն, որ համբարձման կղզու ափի մի մասում, որտեղ կուտակվել է ահագին քանակությամբ խեցավոր ավազ, մակընթացության ենթակա ապառաժների վրա, ծովի ջրի միջոցով, նստել է մի կեղև, որ նման է կրիպտոգամային բույսերի (Marchantiae) և հաճախ երևում է խոնավ լանջերին։ Ճյուղատերևների մակերեսները շատ գեղեցիկ թավշափայլ են, և այն մասերը, որոնք կազմվել են, երբ ամբողջովին ենթակա են եղել լույսի ազդեցության, սև սաթի գույն ունեն, իսկ նրանք, որոնք ծածկված են եղել ժայռերի ստվերներում, գորշ են։ Ես այս կեղևների մի քանի նմուշները ցույց եմ տվել մի քանի գեոլոգների, և բոլորն էլ այն կարծիքին են եղել, որ դրանք հրային կամ հրաբխային ծագում պետք է ունենան։ Իր կարծրությամբ և կիսաթափանցկությամբ, իր ողորկությամբ և փայլով, որը հավասարվում է ամենանուրբ օլիվ կոչվող խեցապատյանի, իր արձակած վատ հոտով, և փչակի տակ գույնի կորուստով նա ցուցաբերում է խիստ նմանություն ապրող ծովային խեցիներին։ Դեռ ավելին, ծովային խեցիներում, հայտնի է, այն մասերը, որոնք սովորաբար ծածկված են և ստվերված կենդանու ծածկոցով, ավելի բաց գույն ունեն, քան այն մասերը, որոնք լրիվ ցուցադրված են լույսին, ճիշտ ինչպես այս կեղևների դեպքում։ Երբ մենք հիշում ենք, որ կերը մտնում է բոլոր ապրող կենդանիների մարմնի կարծր մասերի՝ ոսկրների և խեցիների մեջ որպես ֆոսֆատ կամ կարբոնատ, ապա հետաքրքրական ֆիզիոլոգիական փաստ է դառնում այն, որ կան ատամի էմալից ավելի կարծր և թարմ խեցիների նման լավ հղկված ու գունավորված մակերեսներով նյութեր, որոնք վերակազմվել են անօրգանական ճանապարհով, մեռած օրգանական նյութերից և կարծեք թե իրենց ձևով հիշեցնում են մի քանի ցածր կարգի բուսական օրգանիզմներ։

Սուրբ Պողոսի կղզում մենք գտանք միայն երկու տեսակ թռչուն՝ խոլահավ (Sula bassana) և ծովային ծիծեռնակ (Sterna)։ Առաջինը ծովասագերի մի տեսակն է, իսկ երկրորդը՝ մի ծովային ծիծեռնակ։ Երկուսն էլ ունեն հեզ և ապուշ տրամադրություն և այնքան անսովոր են այցելուներին, որ ես իմ երկրաբանական մուրճով կարող էի նրանցից ուզածիս չափ սպանել։ Խոլահավն իր ձվերը դնում է բաց, մերկ ժայռի վրա, իսկ ծովային ծիծեռնակը ծովային խոտերից պատրաստում է մի շատ պարզ բուն։ Այս բներից շատերի կողքին կար փոքրիկ թռչող ձուկ, որը, ինչպես ենթադրում եմ, արու թռչանն էր բերել իր ընկերուհու համար։ Հետաքրքրական էր տեսնել, թե ի՛նչպես, հենց որ մենք վրդովեցինք ծնողք թռչուններին, մի մեծ և ակտիվ խեչեփառ (Graspus), որն ապրում էր ժայռի խոռոչներում, արագ գողացավ բնի կողքը դրած ձուկը։ Սըր Վ. Սայմոնդսը, մեկն այն սակավ անձնավորություններից, որոնք այցելել են այս կղզյակը, ասում է, որ ինքը տեսել է, թե ինչպես խեչեփառները բներից քաշում տանում են մինչև անգամ թռչունների ձագերը և ուտում նրանց։ Ոչ մի բույս, մինչև անգամ քարաքոս չի աճում այս կղզյակում, մինչդեռ այստեղ գոյություն ունեն մի քանի տեսակ միջատներ և սարդեր։ Կարծում եմ, որ հետևյալ ցուցակը լրացնում է այնտեղի ցամաքային ֆաունան. մի ճանճ (Olfersia) ապրում է խոլահավի վրա, և մի տիզ, որն այստեղ եկած պետք է լինի թռչունների հետ, որպես մի պարազիտ. մի փոքրիկ թուխ ցեց, որը սնվում է փետուրներով. մի բզեզ (Quedius) և մի փայտոջիլ, որոնք դուրս էին գալիս թռչունների աղբի տակից, և վերջապես բազմաթիվ սարդեր, որոնք, ենթադրում եմ, գիշատում են այս փոքրիկ ընկերակիցներին։ Հաճախակի կրկնվող այն նկարագրությունները, որտեղ ասում են, թե հենց որ կորալական կղզիներր երևան են գալիս Խաղաղ օվկիանոսում, շքեղ արմավենիներ և ուրիշ տրոպիկական ազնիվ բույսեր, ապա թոռուններ և վերջապես մարդը հաստատվում են այդ կղզիների վրտ,— հավանաբար ամբողջությամբ ճիշտ չեն. վախենում եմ, որ կխախտեմ այս պատմության բանաստեղծականությունը, եթե նշեմ, որ օվկիանոսային ցամաքի առաջին բնակիչները հանդիսանում են միջատները, սարդերը և փետուրով ու աղբով սնվող պարազիտները։

Տրոպիկական ծովերի ամենափոքրիկ ժայռը, հիմք հանդիսանալով ջրիմուռների անհամար տեսակների և դրանց հետ կապված կենդանիների բազմացման, իր շուրջն է հավաքում մեծ քանակությամբ ձկներ։ Նավաստիները նավակներում անընդհատ պայքարի մեջ էին լինում մեծ ձկների հետ, թե կարթերով բռնած ավարի մեծ մասն ո՛ւմն էր բաժին ընկնելու։ Ես լսել եմ, որ Բերմուդյան կղզիներին մոտիկ մի ժայռ, գտնվելով ցամաքից շատ մղոններ հեռու բաց ծովում և բավականին խորը, առաջին անգամ հայտնագործվել է իր շրջապատում եղած բազմաթիվ ձկների երևալով։

Ֆերնանդո Նորոնյա, փետրվարի 20.— Այնքան, որքան ես կարողացա դիտել այնտեղ մեր կանգնած մի քանի ժամվա ընթացքում, նրա կառուցվածքը հրաբխային է, բայց հավանորեն ոչ վերջին ժամանակների։ Նրա ամենից ավելի աչքի զարնող բանը հազար ոտնաչափ բարձրությամբ մի կանոնավոր բլուր է, որի վերին մասը խիստ դիք է և մի կողմն այնպես թեքված, որ կախված է իր հիմքի վրա։ Ժայռը ֆոնոլիտային է և բաժանված է անկանոն սյուների։ Այս անջատված զանգվածներից մեկին նայելիս սկզբում մարդ հակամետ է կարծելու, որ այդ հանկարծակի մղվել է դեպի վերև՝ կիսահեղուկ վիճակում։ Սակայն Սուրբ Հեղինեի կղզում ես համոզվեցի, որ մոտավորապես նույն տեսքով և կաոուցվածքով մի քանի սյուներ կազմվել էին խրխիր շերտերի մեջ հալված ապառի ներթափանցումով. այդ շերտերը ծառայել էին որպես կաղապար այս վիթխարի կոթողների համար։

Ամբողջ կղզին ծածկված է անտառներով, բայց կլիմայի չորության պատճառով փարթամ բուսականություն չունի։ Լեռան կես բարձրության վրա սյունաձև ժայռի մեծ զանգվածներ, դափնենման ծառերով ստվերված և գեղեցիկ վարդագույն ծաղիկներ ունեցող բազմաթիվ այլ տերևազուրկ ծառերով զարդարված,— տեսարանի մոտակա մասերին հաճելի տեսք էին տվել։

Բահիա կամ Սան Սալվադոր, Բրազիլիա, փետրվարի 29.— Օրն անցել է բերկրալի։ Բերկրանք բառը շատ թույլ է՝ մի բնագետի զգացմունքները արտահայտելու համար, որն առաջին անգամ մենակ թափառում է բրազիլիական անտառներում։ Կանաչ խոտերի հրաշագեղությունը, պարազիտային բույսերի նորօրինակությունը, ծաղիկների գեղեցկությունը, սաղարթների կանաչ փայլը, բայց բոլորից վեր՝ բուսականության ընդհանուր փարթամությունը — լցրել էին ինձ հիացմունքով։ Այս անտառի ստվերոտ մասերում իշխում էր ձայների և լռության մի կատարյալ պարադոքսային խառնուրդ։ Միջատների առաջացրած աղմուկն այնքան բարձր է, որ այդ աղմուկը կարելի է լսել մինչև անգամ ափից մի քանի հարյուր յարդ հեռու խարիսխ գցած նավից, մինչդեռ անտառի խորքերում, թվում էր, իշխում էր տիեզերական լռություն։ Բնական պատմության սիրահար մի անձնավորության համար այսպիսի օրն իր հետ բերում է ավելի խորը հաճույք, քան նա երբևէ կարող է հուսալ երկրորդ անգամ զգալու։

Մի քանի ժամ այս ու այն կողմ թափառելուց հետո վերադարձա այնտեղ, որտեղ ցամաք էինք դուրս եկել, բայց նախքան տեղ հասնելը արևադարձային ուժեղ փոթորկի բռնվեցի։ Փորձեցի ապաստանել մի ծառի տակ, որն այնքան հաստ էր, որ Անգլիայում եղած սովորական անձրևները երբեք չէին կարող թափանցել մինչև նրա հատակը, բայց այստեղ երկու րոպեից հետո բնից ներքև սկսեց հոսել ջրի հոսանք։ Ամենախիտ անտառների հատակի կանաչի գոյության պատճառ պետք է համարել անձրևի այս հորդառատությունը։ Եթե այստեղ տեղատարափն այնպես լիներ, ինչպես բարեխառն կլիմա ունեցող մի երկրում, մեծ մասը գետին հասնելուց առաջ կկլանվեր կամ կգոլորշիանար։ Առայժմ չեմ փորձի նկարագրել այս հոյակապ ծոցի զվարթ տեսարանը, որովհետև մեր վերադարձի ճանապարհին մեկ էլ հանդիպեցինք այստեղ, այնպես որ առիթ կունենամ այդ մասին խոսելու։

Ամբողջ Բրազիլիայի ծովեզերքի երկայնքով առնվազն 2000 մղոն և, իհարկե, զգալի չափով էլ ներցամաքային տարածություններում մեզ պատահած բոլոր ապառները պատկանում էին գրանիտային ֆորմացիային։ Այդ հսկայական գրանիտային տարածության գոյությունը՝ բաղկացած այնպիսի նյութերից, որոնք ըստ շատ երկրաբանների բյուրեղացել են մեծ ճնշման տակ տաքանալով, տեղիք է տալիս բազմաթիվ հետաքրքրական խորհրդածությունների։ Արդյոք այս էֆեկտը խորն օվկիանոսի անդունդներո՞ւմն է առաջացել, թե նախապես նրա վրա տարածված է եղել մի ծածկող շերտ, որը ժամանակի ընթացքում վերացել է։ Հավատալի՞ է, որ որևէ ուժ, չափազանց երկար ժամանակ չներգործելով, կարող էր մերկացնել հազարավոր քառակուսի մղոն տարածություն բռնող գրանիտը։ Քաղաքից ոչ հեռու մի կետում, որտեղ մի առվակ մտնում էր ծովը, ես մի փաստ նկատեցի, որը կապ ունի Հումբոլտին[7] զբաղեցնող մի նյութի հետ։ Օրինոկո, Նեղոս և Կոնգո մեծ գետերի սահանքներում սիենիտային ապառները ծածկված են մի սև նյութով և այնպես են երևում, որ կարծես թե փայլեցրած են գրաֆիտով։ Այս կեղևը չափազանց բարակ է, և Բերցելիուսի անալիզից պարզվել է, որ այդ կազմված է մանգանի և երկաթի օքսիդներից։ Օրինոկոյում այս լինում է այն ապառաժների վրա, որոնք պարբերաբար ողողվում են հեղեղից և այն էլ միայն այն մասերում, որտեղ հոսանքը սրընթաց է, կամ, ինչպես հնդիկներն են ասում՝ «որտեղ ջուրն սպիտակ է, այնտեղ քարերը սև են»։ Այստեղ այդ բարակ շերտը սև գույնի փոխարեն ունի խիստ թուխ գույն և թվում է թե կազմված է միայն երկաթային նյութերից։ Հավաքած նմուշները չեն կարող մեզ ճիշտ գաղափար տալ այս թուխ հղկված քարերի մասին, որոնք շողշողում են արեգակի ճառագայթների տակ։ Նրանք գտնվում են միայն մակընթացության և տեղատվության ալիքների սահմաններում, և քանի որ առվակը հանդարտ հոսում է ներքև, ապա մեծ գետերում սահանքների փայլեցնող ուժը պետք է առաջ գա կոհակների կողմից։ Միևնույն ձևով մակընթացությունը և տեղատվությունը հավանաբար համապատասխանելու են պարբերական հեղեղումներին. և այսպիսով, միևնույն հետևանքներն առաջանում են թեև առերևույթ տարբեր, բայց իրականում նման պարագաներում։ Այնուամենայնիվ մետաղական օքսիդներից կազմված այս ծեփերի ծագումը, սրը կարծեք թե ցեմենտացված է ժայռերի վրա, դեռ պարզ չէ, և կարծում եմ, որ ոչ մի պատճառ չի կարելի մատնանշել, թե ինչո՛ւ նրանց հաստությունը մնում է նույնը։

Մի օր զվարճանում էի երկատամ ձկան (Diodon antennatus) սովորությունները դիտելով, որը բռնված էր ափի մոտ լողալիս։ Այս ձուկն իր փափուկ մորթով հայտնի է և ունի ձգվելով մոտավորապես գնդի ձև ստանալու եզակի հատկություն։ Մի որոշ կարճ ժամանակով ցամաքում պահելուց հետո, երբ նորից սուզում են ջրի մեջ, նա զգալի քանակությամբ օդ և ջուր է կլանում բերանով, գուցէ և խռիկային անցքերով։ Այս պրոցեսը կատարվում է երկու եղանակով — օդը կլանվում և ապա մղվում է մարմնի դատարկ մասերը, վերադարձն արգելվում է մկանային կծկումով, որը երևում է դրսի կողմից. իսկ ջուրը նուրբ հոսանքով մտնում է բերանով, պահվում է լայն բացված և անշարժ։ Այս վերջին գործողությունն, ուրեմն, պետք է տեղի ունենա ծծելու միջոցով։ Փորի վրայի մորթին շատ ավելի թույլ է, քան կռնակինը. այս պատճառով ընդլայնման ժամանակ ներքևի մասը շատ ավելի է տարածվում, քան վերինը, հետևաբար և ձուկը լողում է կռնակի վրա։ Կյուվյեն կասկածում է երկատամի այդ դիրքով լողալու ընդունակության վրա, բայց նա այդ դիրքով ոչ միայն լողում է ուղիղ գծով առաջ, այլ մինչև անգամ կարող է շուռ գալ ցանկացած որևէ ուղղությամբ։ Այս վերջին շարժումը կատարում է միայն կրծքի լողաթևերի օգնությամբ, այդ դեպքում պոչը թուլանում է և չի գործածվում։ Բավականին առատ օդ ներս ընդունելու շնորհիվ մարմինն այնքան է վեր պահվում, որ խռիկային բացվածքները մնում են ջրից դուրս, բայց բերանի միջոցով ներս քաշված հոսանքը շարունակ դուրս է թափվում նրանց միջից։

Այս ձուկը կարճ ժամանակ ձգված վիճակում մնալով, ընդհանրապես նկատելի ուժով խռիկային բացվածքից և բերանից օդ և ջուր է դուրս մղում։ Իր ցանկացած մոմենտին նա կարող է դուրս թողնել ջրի մի որոշ մասը, ուստի կարող է հավանական համարվել, որ այս հեղուկը մասամբ էլ նրա համար է ներս ընդունվում, որ կանոնավորի նրա տեսակարար կշիռը։ Այս ձուկն ունի ինքնապաշտպանության մի շարք միջոցներ. նա կարող է ուժեղ կծել, բերանով ջուր դուրս նետել որոշ հեռավորության վրա և միևնույն ժամանակ իր ծնոտների շարժումով տարօրինակ ձայներ առաջացնել։ Իր մարմինն ուռեցնելու միջոցով պտկիկները (papilla), որոնցով ծածկված է մորթը, դառնում են կանգնած և սրված։ Բայց ամենահետաքրքրականն այն է, որ երբ նրան ձեռք են տալիս, նա էր փորի տակի մորթուց արձակում է մի շատ գեղեցիկ վառ գունավոր ֆիբրային նյութ, որը փղոսկրն ու թուղթն այնպես է տևական ներկում, որ այդ ներկը մինչև այժմ պահել է իր ամբողջ պայծառությունը։ Թե ինչ նպատակի համար է այս արտաթորումը և ինչ բնույթ ունի, ինձ բոլորովին հայտնի չէ։ Դոկտոր Օլլեն Ֆորրեսն ասում է, որ նա հաճախ երկատամին գտել է շնաձկան ստամոքսում կենդանի՝ լարված և լողալիս, և երբեմն էլ նա ականատես է եղել դեպքերի, երբ նա ոչ միայն ուտելով շնաձկան ստամոքսի պատերը՝ ծակել է վերջիններս, այլ նա ծակել է այդ հսկա կենդանու մինչև անգամ կողքերը և սպանել նրան։ Ո՞վ կարող է երևակայել, որ մի փոքրիկ փափուկ ձուկ կարող է ոչնչացնել այդ մեծ և ահռելի շնաձկան։

Մարտի 18.— Մենք նավարկեցինք Բահիայից։ Մի քանի օր հետո, երբ շատ հեռու չէինք գտնվում Աբրոլյոս կղզիներից, ուշադրությունս գրավեց ծովում երևացող մի կարմրաթուխ երանգ։ Ջրի ամբողջ մակերևույթը, ինչպես երևում էր թույլ հեռադիտակի միջոցով, թվում էր, թե ծածկված էր ծայրերը վեր ցցված հնձված չոր խոտի կտորներով։ Սրանք գլանաձև մանր ջրիմուռներ են, որոնք լինում են խրձերով՝ յուրաքանչյուր խրձում լինելով հիսունից վաթսուն հատ։ Մր. Բերկլին ինձ ասում է, որ նրանք այն նույն տեսակն են (Trichodesmium erythraeum), որ զտնվել են Կարմիր ծովում, բռնելով մեծ տարածություններ, որտեղից և առաջացել է Կարմիր ծով անունը։[8] Նրանց թիվը պետք է որ անսահման լինի, նավն անցավ նրանց մի քանի խմբերի միջից, որոնցից մեկի լայնությունը մոտ տասը յարդ էր, իսկ երկարությունը, դատելով ջրի տղմոտ գույնից, առնվազն երկու և կես մղոն։ Գրեթե ամեն մի ծովային երկարատև ճամբորդության մեջ այս ջրիմուռների մասին որոշ հիշատակություններ կան։ Նրանք հատկապես շատ են տարածված Ավստրալիայի մոտ գտնվող ծովում, և Լյուին հրվանդանի մոտ ես գտա նրանց մոտիկ, բայց ավելի փոքր և, ըստ երևույթին, տարբեր տեսակներ։ Կապիտան Կուկն իր երկրորդ ճանապարհորդության ժամանակ նկատում է, որ նավաստիներն այս ջրիմուռն անվանում են ծովային սղոցաթեփ։

Հնդկական օվկիանոսում Կիլինգ ատոլի մոտ ես գտա փոքր զանգվածներով մի քանի քառակուսի մատնաչափ մեծությամբ ջրիմուռներ՝ բաղկացած չափազանց բարակ երկար գլանաձև թելերից, այնպես որ հազիվ թե նկատելի լինեին հասարակ աչքով. նրանք խառնված էին երկու ծայրերումն էլ սուր կոնավոր և ավելի խոշոր մարմինների հետ։ Նրանք տարբեր երկարություն ունեին՝ 0,04 մատնաչափից (մատնաչափը 2,46 սմ է) մինչև 0,06 և մինչև անգամ 0,08 մատնաչափ, իսկ տրամագիծը՝ 0,006-ից 0,008 մատնաչափ։ Գլանային մասերից մեկի ծայրի մոտ ընդհանրապես երևում է հատիկային նյութերից կազմված մի կանաչ թաղանթ, որն ամենից հաստ լինում է կենտրոնական մասում։ Ինձ թվում է, թե այս թաղանթը շատ նուրբ, անգույն մի տոպրակի հատակ է, կազմված մսոտ նյութից, որը պատում է արտաքին պատյանը, բայց չի տարածվում մինչև կոնի ծայրերը։ Մի քանի նմուշներում այդ թաղանթներին փոխարինում էին փոքրիկ, բայց կանոնավոր թուխ հատիկային գնդիկներ, և ես դիտում էի նրանց առաջանալու հետաքրքրական պրոցեսը։ Հանկարծակի ներքին պատյանի մսոտ նյութը վերածվեց գծերի, որոնցից մի քանիսն ստացան այնպիսի մի ձև, որի շառավիղներն սկսվում էին մի ընդհանուր կենտրոնից, ապա անկանոն և արագ շարժումով շարունակեց կծկվել, այնպես որ մի վայրկյանի ընթացքում ամբողջը միանալով կազմեց մի կատարյալ փոքրիկ գունդ, որը բռնել էր մի ծայրում գտնվող՝ արդեն բոլորովին դատարկ տոպրակի թաղանթի տեղը։ Որևէ պատահական գրգիռ արագացնում էր հատիկային գնդի կազմվելը։ Կարելի է ավելացնել և այն, որ հաճախ այս մարմիններից երկուսը միացած էին լինում իրար հետ կողք կողքի այն կողմում, որտեղ գտնվում էին թաղանթները։

Այստեղ ավելացնելու եմ մի քանի այլ դիտողություններ, որոնք կապված են օրգանական պատճառներից առաջացած ծովի գունավորման հետ։ Մի օր Չիլիի ափերին՝ Կոնցեպցիոնից մի քանի մղոն հյուսիս «Բիգլ»-ն անցավ տղմոտ ջրի մեծ շերտերից, որոնք բոլորովին նման էին վարար գետերի։ Մի ուրիշ անգամ Վալպարայսոյից մի աստիճան հարավ, ցամաքից 40 մղոն հեռու, նորից հանդիպեցինք նույն երևույթին շատ ավելի լայնատարած տեսքով։ Բաժակով վերցրած ջուրն ուներ բաց կարմիր գույն, և միկրոսկոպով քննելիս երևացին վխտացող բազմաթիվ մանր կենդանիներ, որոնք արագ շարժվում էին այս ու այն կողմ և հաճախ պայթում։ Նրանք օվալաձև են և մեջտեղում կծկվում են տատանվող կոր թարթչային օղակով։ Այնուամենայնիվ նրանց լավ դիտել շատ դժվար էր, որովհետև գրեթե այն վայրկյանին, երբ շարժումը դադարում էր, մինչև անգամ տեսողության դաշտից էլ դեռ չհեռացած՝ պայթում էին։ Երբեմն երկու ծայրերն էլ պայթում էին միանգամից, երբեմն միայն մեկը, և պայթելիս դուրս էին նետում որոշ քանակությամբ կոշտ թուխ հատիկային նյութ։ Նախքան պայթելը կենդանին ընդարձակվում էր իր բնական ծավալի կեսի չափով, և պայթյունը տեղի էր ունենում արագ, պրոգրեսիվ շարժումը դադարելուց տասնհինգ վայրկյան հետո. երբեմն էլ պայթելուց առաջ կարճ ընդմիջումով երկար առանցքի շուրջը տեղի էր ունենում ռոտացիոն շարժում։ Մի կաթիլ ջրում երկու րոպեից հետո նրանցից ոչ մի հատ չէր մնում, որչափ էլ քանակով նրանք շատ լինեին։ Այս կենդանիները նեղ ծայրը ուղղելով առաջ, շարժվում են իրենց տատանվող թարթիչների օգնությամբ և, ընդհանրապես, հանկարծակի արագ շարժումով։ Նրանք խիստ փոքր են, հասարակ աչքին գրեթե անտեսանելի և հազիվ թե բռնեն մի քառակուսի մատնաչափ տարածության մեկ հազարերորդ մասը։ Նրանց թիվն անսահման էր. իմ վերցրած ջրի ամենափոքր կաթիլի մեջ այդ կենդանիներից կարելի էր գտնել անհաշիվ քանակություններով։ Մի անգամ մի օրում անցանք այսպես ներկված ջրային երկու տարածություն, որոնցից միայն մեկը պետք է որ բռներ մի քանի քառակուսի մղոն տարածություն։ Ի՜նչ անհաշիվ թիվ պետք է կազմած լինեն այս մեկրոսկոպային կենդանիները։ Ջրի գույնը հեռվից նայելիս նման էր այն գետի ջրի գույնին, որը հոսում է կարմրավուն կավային շրջանից, բայց նավի գցած ստվերի տակ բոլորովին մուգ էր, ինչպես շոկոլադը։ Կարմիր և կապույտ ջրերը միացնող գիծը բոլորովին պարզ նկատելի էր։ Մի քանի օր էր, որ եղանակը խաղաղ էր, և օվկիանոսն անսովոր աստիճանի հորդել էր կենդանի էակներով։[9]

Հրո Երկիրը շրջապատող ծովում, ցամաքից ոչ այնքան հեռու ես տեսել եմ վառ-կարմիր գույնի ջրային նեղ շերտեր, որոնք ծածկված են խեցեմորթներով. ձևով սրանք որոշ չափով նման են մեծ կրեվետի (խեցգետինների մի տեսակ)։ Ծովայինները նրանց անվանում են կետի սնունդ։ Թե կետերը սրանցով սնվում են թե ոչ — չգիտեմ, բայց ափերի որոշ մասերում ծովային ծիծեռնակների, ծովագռավների և մեծ ու դժվարաշարժ փոկերի մեծ խմբերի գլխավոր սնունդը կազմում են այս լողացող խեցգետինները։ Ծովայինները ջրի գունավորումը միշտ վերագրում են լողացող ձկնկիթներին, բայց ես գտա, որ այդ միայն մի դեպքում է այդպես։ Գալապագոսի արշիպելագից մի քանի մղոն հեռու նավն անցավ մուգ-դեղնավուն կամ տղմոտ ջրային երեք զոլերից. այս զոլերի երկարությունը հասնում էր մի քանի մղոնի, իսկ լայնությունն ընդամենը միայն մի քանի յարդ էր, և շրջապատի ջրից բաժանվում էին մանվածոտ, բայց որոշակի եզրագծերով։ Այդ գույնն առաջացել էր ժելատինային փոքրիկ գնդակներից, մոտավորապես մեկ հինգերորդ մատնաչափ տրամագծով, որոնց մեջ գտնվում էին բազմաթիվ մանր գնդային ձվիկներ։ Նրանք որոշակիորեն բաժանվում էին երկու տարբեր տեսակների. մեկ տեսակն ուներ կարմրավուն գույն և իր ձևով տարբերվում էր մյուսից, բայց ես վճռականապես չեմ իմանում, թե ի՛նչ երկու կենդանական սեռերի էին պատկանում սրանք։ Կապիտան Կոլնետը նկատում է, որ այս երևույթը Գալապագոսի կղզիների համար շատ սովորական բան է, և երիզների ուղղությունները ցույց են տալիս հոսանքի ուղղությունը։ Կա մի երևույթ ևս, որ հիշատակելու եմ այստեղ։ Ջրի երեսին տարածված ճարպոտ բարակ մի փառ է այդ, որի մեջ խաղում են ծիածանային գույները։ Բրազիլիայի ափերին, օվկիանոսում ես տեսա մի զգալի տարածություն՝ ծածկված նման փառով։ Ծովայիններն այս երևույթը վերագրում են կետի փտող մնացորդներին, որ հավանորեն լողալիս է եղել ափից ոչ շատ հեռու։ Այստեղ չեմ հիշատակում մանր ժելատինային մասնիկները, որոնց հետո կանդրադառնանք, սրանք հաճախ ծայրեիծայր տարածված են ջրի մեջ և այնքան առատ չեն, որ ջրի գույնի փոփոխություն առաջացնեն։ Վերն ասածների մեջ ուշադրության արժանի երկու հանգամանք կա. առաջին՝ ի՞նչպես է, որ այդ տարբեր մասնիկները, որոնք որոշակի գծերով նեղ շերտեր կազմելով պահվում են միասին։ Կրեվետանման խեցգետինների շարժումը, օրինակի համար, այնպես համաչափ է, ինչպես մի զորագնդի շարժումը, բայց այս չի կարող տեղի ունենալ որպես կամավոր շարժում ձվիկների կամ ջրիմուռների կողմից, և ոչ էլ այդ հավանական է ինֆուզորիաների համար։ Երկրորդ՝ ի՞նչն է այդ շերտերի երկարության և նեղության պատճառը։ Արտաքին տեսքով նա այնքան նման է ամեն մի հեղեղի, որտեղ հոսանքը գալարատելով, հորձանքում հավաքված փրփուրը վերածում է երկար բարակ երիզների, որ ես ստիպված եմ այդ բանը վերագրելու նման մի գործունեության — օդի հոսանք լինի այդ, թե ջրի։ Այս ենթադրությունից ելնելով՝ մենք պետք է ընդունենք, որ զանազան կազմակերպված մարմիններ առաջանում են որոշ նպաստավոր տեղերում և այնտեղից տեղափոխվում են քամու կամ ջրի ուղղությամբ։ Այնուամենայնիվ խոստովանում եմ, որ շատ դժվար է պատկերացնել մի կետ, որը լինի միլիարդավոր մանր կենդանիների և ջրիմուռների ծննդավայրը, որովհետև հարց է առաջանում, թե ո՞րտեղից են հավաքվում սրանց սաղմերը այսպիսի կետերում, քանի որ ծնողք մարմինները քամու և ալիքների կողմից ցրված են անեզր օվկիանոսի վրա։ Բայց ուրիշ ոչ մի հիպոթեզով չեմ կարող հասկանալ նրանց գծային խմբավորումը։ Ես կարող եմ ավելացնել, որ Սկորսբին նկատում է, որ պելագիկ կենդանիներով վխտացող կանաչ ջրեր գտնվում են և Արկտիկային ծովի որոշ մասերում։


ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈ

Ռիո դե Ժանեյրո.— Ճանապարհորդություն Ֆրիո հրվանդանի հյուսիսում.— Ուժեղ գոլորշիացում.— Ստրկություն.— Բոթոֆոգոյի ծորախորշը.— Ցամաքային պլանարիաներ.— Ամպեր Կորկովադոյի վրա.— Հորդ անձրև.— Երգող գորտեր.— Լուսարձակ միջատներ.— Դյուրադարձիկը և նրա ցատկելու կարողությունը.— Կապույտ մշուշ.— Թիթեռնիկի առաջացրած աղմուկը.— Միջատաբանություն.— Մրջյուններ.— Սարդ սպանող պիծակ.— Պարազիտային սարդ.— Էպեյրա (Epeira) սարդի խորամանկությունները.— Համայնակյաց սարդեր.— Ոչ-սիմետրիկ ոստայն գործող սարդ։

Ապրիլի 4-ից հուլիսի 5, 1832.— Մեր ժամանելուց մի քանի օր հետո ես ծանոթացա մի անգլիացու հետ, որը մեկնում էր իր կալվածքը. այդ կալվածքը գտնվում էր մայրաքաղաքից ավելի քան հարյուր մղոն հեռավորության վրա, Ֆրիո հրվանդանից հյուսիս։ Ես ուրախությամբ ընդունեցի նրա սիրալիր հրավերը և թույլ տվի ինձ ընկերակցելու նրան։

Ապրիլի 8.— Մեր խումբը բաղկացած էր յոթ անձից։ Ճանապարհի սկիզբը շատ հետաքրքրական էր, օրը չափազանց շոգ։ Մենք անցնում էինք անտառի միջով, որտեղ ամեն ինչ անշարժ էր, բացի մեծ և պայծառ թիթեռներից, որոնք ծուլորեն թռչկոտում էին տեղից տեղ։ Պրաիա Գրանդեի հետևում գտնվող բլուրներից անցնելիս երևացող տեսարանը չափազանց գեղեցիկ էր։ Գույները վառ էին, տիրապետող երանգը մուգ կապույտն էր։ Երկինքը և ծովածոցի խաղաղ ջուրն իրենց գեղեցկությամբ մրցում էին իրար հետ։ Մշակված մի քանի դաշտերից անցնելուց հետո մտանք անտառը, որն իր բոլոր մասերի շքեղությամբ անգերազանցելի էր։ Կեսօրին ժամանեցինք Իտակայա։ Այս փոքրիկ գյուղը զետեղված է մի հարթավայրում, կենտրոնական տան շրջապատում գտնվում են նեգրերի հյուղակները։ Սրանք իրենց կանոնավոր դրվածքով և ձևով ինձ հիշեցնում էին Հարավային Աֆրիկայի հոտենտոտների բնակարանների պատկերները։ Որովհետև լուսինը շուտ էր բարձրանալու, որոշեցինք միևնույն երեկոյին մեկնել Լագոա Մարիկա՝ մեր գիշերելու վայրը։

Երբ մութն սկսվում էր, մենք անցնում էինք գրանիտային զանգվածային մեծ, լերկ ու զառիվար ժայռերից մեկի տակով, որոնք շատ սովորական են այս երկրի համար։ Այս ժայռոտ լեռը հայտնի է որպես նեգր ստրուկների երկար ժամանակավ փախստյան վայր, որոնք գագաթի մոտ մշակելով մի փոքր հողամաս՝ մեծ դժվարությամբ մի կերպ պահպանում էին իրենց գոյությունը։ Վերջիվերջո նրանց տեղը գտնում են և ուղարկելով մի խումբ զինվոր, նրանց բոլորին բռնում են, բացի մի ծեր կնոջից, որը որպեսզի երկրորդ անգամ որպես ստրուկ չվաճառվեր, լեռան գագաթից իրեն ներքև գլորելով ջարդուփշուր էր եղել։ Այսպիսի մի արարք հռոմեական կնոջ կողմից ազատության ազնիվ սեր կհամարվեր, իսկ խեղճ նեգրուհուն մեղադրում էյին կոպիտ համառության համար։ Մի քանի ժամ ձիերով շարունակեցինք ճանապարհը. վերջին մի քանի մղոնը ճանապարհը խորտուբորտ էր և դժվար, նա անցնում էր ամայի տեղերով, որոնք կտրտված էին ճահիճներով և լագուններով։ Լուսնի աղոտ լույսի տակ երևացող տեսարանը չափազանց ամայի էր թվում։ Մի քանի լուսարձակ միջատներ թռչում էին մեր կողքով, իսկ մենավոր կտցարը, ահաբեկված մեր երևալուց, արձակում էր իր ողբագին ճիչերը։ Հեռվում օվկիանոսի ահեղ մռնչյունը հազիվ թե կարողանար խանգարել գիշերային լռությունը։

Ապրիլի 9.— Նախքան արեգակի ծագելը դուրս եկանք մեր ողորմելի գիշերավայրից։ Ճանապարհն անցնում էր ավազոտ և նեղ հարթավայրով, որն ընկած էր ծովի և ցամաքի աղային լագունների միջով։ Ձուկ որսացող բազմաթիվ գեղեցիկ թռչուններ, ինչպես ձկնկուլը և կռունկը, և ամենաֆանտաստիկ ձևեր ունեցող սուկկուլենտ (հյութալի) բույսերն այնպիսի հետաքրքրական տեսք էին տվել այդ տեսարանին, որ այլ կերպ չէր կարող ստացվել։ Մի քանի գաճաճ ծառեր բեռնավորված էին պարազիտային բույսերով, որոնցից օրխիդեա ծառերից մի քանիսն իրենց գեղեցկությամբ և քնքուշ բույրով արժանի են առանձին զմայլանքի։ Երբ արեգակը բավականին բարձրացավ, օրն սկսեց խիստ տաքանալ, և սպիտակ ավազից անդրադարձող արևի ջերմությունը և լույսն անտանելի դարձան։ Մենք ճաշեցինք Մանդետիբայում, ջերմաստիճանն ստվերում հասնում էր 84°-ի։[10] Հեռավոր անտառներով ծածկված բլուրների գեղեցիկ տեսարանը, որ անդրադարձել էր մի ընդարձակ լագունի (ծովալիճ) կատարյալ խաղաղ ջրից, բոլորովին թարմացնում էր մեզ։ Որովհետև այստեղ վենդան[11] շատ լավ էր, և ես այդտեղի մի սքանչելի ճաշի մասին ունեմ հաճելի հիշողություն, մի բան, որ հազվադեպ է պատահում այստեղ, երախտապարտ եմ զգում ինձ նկարագրելու այն, որպես տեղի տիպիկ հյուրանոց։ Այս տները հաճախ լինում են մեծ և շինված՝ տնկած հաստ և ուղիղ գերաններից, մեջհյուսված ճյուղերով և ապա ծեփված։ Շատ հազվադեպ են նրանք տախտակե հատակ ունենում, իսկ ապակյա պատուհան՝ երբեք, բայց ծածկն ընդհանրապես լավ են շինում։ Տների առջևի մասը համատարած կերպով բաց է, որը նմանվում է մի տեսակ վերանդայի, որտեղ դրված են լինում սեղաններ և նստարաններ։ Ննջարաններն իրար են միացած երկու կողմերով, և այստեղ ճանապարհորդը մի փայտյա թախտի վրա, ծածկված ծղնոտե բարակ խսիրով, կարող է քնել շատ հանգիստ։ Վենդան գտնվում է բակի մեջտեղում, որտեղ կերակրում են ձիերին։

Հյուրանոց ժամանելիս սովորաբար նախ վերցնում էինք ձիերի թամբը և ապա տալիս էինք ձիերին նրանց սովորական սնունդը կազմող եգիպտացորենը և ապա խոնարհ գլուխ տալով խնդրում պանդոկապետին, որ շնորհ անի մեզ տալու ուտելու մի բան։ «Ինչ որ կուզեք, պարո՛ն» — լինում էր նրա սովորական պատասխանը։ Շատ անգամ ես իզուր շնորհակալություն եմ հայտնել նախախնամությանը մեզ այսպիսի բարի մարդու մոտ ուղարկելու համար։ Հետագա խոսակցությունից դրությունը դառնում էր ամբողջովին ողբալի։ «Կարո՞ղ եք բարի լինել մեզ ձուկ տալու»։— «Օ՛, ո՛չ, պարո՛ն»։ «Իսկ սո՞ւպ»։— «Ո՛չ, պարոն»։— «Չոր միս է՞լ չունեք»։— «Օ՛, ո՛չ, պարոն»։ Եթե բախտ էինք ունենում, մի երկու ժամ սպասելուց հետո ստանում էինք հավ, բրինձ և ֆարինա։[12] Քիչ չէին պատահում այնպիսի դեպքեր, երբ մենք պարտավորվում էինք մեր սեփական ընթրիքի համար քարերով սպանել ընտանի թռչուններ։ Երբ հոգնածությունից և քաղցից ամբողջովին ուժասպառ եղած՝ մի կերպ հասկացնում էինք, որ ուրախ կլինեինք, եթե մեր կերակուրը պատրաստ լիներ, պատասխանը, բարձրագոչ և շատ դժգոհ (թեև ճիշտ), լինում էր՝ «պատրաստ կլինի, երբ պատրաստ է»։ Իսկ եթե համարձակվեինք շարունակել մեր տրտունջը, մեր կոպիտ վերաբերմունքի համար մեզ կառաջարկեին շարունակել մեր ճանապարհը։ Այդ հյուրանոցի տերերն իրենց վերաբերմունքով չափազանց անվայելուչ են և անհաճո։ Նրանց տները և իրենք անձամբ հաճախ նեխման աստիճանի կեղտոտ են։ Պատառաքաղի, դանակի, գդալի գործածության բացակայությունը սովորական բան է։ Ես հավատացած եմ, որ ոչ մի տնակ կամ խրճիթ չի կարելի գտնել Անգլիայում, որ բոլոր հարմարություններից այդպես ամբողջովին զուրկ լինի։ Սակայն Կամպոս Նովոսում մեզ շատ լավ հյուրասիրեցին՝ ճաշին ունենալով բրինձ, հավ, բիսկվիտ, գինի և այլ ոգելից խմիչքներ, երեկոյան՝ կոֆե և նախաճաշի համար՝ կոֆեի հետ ձուկ։ Այս բոլորի համար, ներառյալ նաև ձիերին կանոնավոր կերակրելը, յուրաքանչյուր անձնավորություն վճարում էր երկու և կես շիլինգ։ Մի անգամ, երբ վենդայի տիրոջը հարցրինք, թև արդյոք տեղեկություն չունի՞ մեր ընկերներից մեկի կորցրած մտրակի մասին, պատասխանեց խոժոռած դեմքով. «Ի՞նչպես պիտի ես իմանայի այդ. ինչո՞ւ հոգ չեք տանում ձեր իրերին։ Կարծում եմ, որ շները կերած կլինեն»։

Թողնելով Մանդետիբան՝ մենք շարունակեցինք մեր ճանապարհը լճերի մի շփոթեցնող ամայի ճանապարհով, որոնց մի քանիսի մեջ կային անուշ, իսկ մի քանիսի մեջ էլ աղի ջրի խեցիներ։ Առաջին տեսակից մի լճում գտա մեծ թվով մորախեցի։ Տեղացիներն ինձ հավատացնում էին, որ տարեկան մեկ, երբեմն էլ մի քանի անգամ ծովի ջուրը մտնում է այս լիճը և բոլորովին աղիացնում նրա ջուրը։ Անկասկած, անուշ և ծովային ջրերի կենդանիների վերաբերյալ շատ հետաքրքրական փաստեր կարելի է դիտել շղթա կազմող այս լագունների մեջ, որոնք եզերում են բրազիլյան ափերը։ Մր. Գեյը[13] ասում է, որ ինքը Ռիոյի շրջակայքում գտել է ծովային սոլեն (Solen) և ձկնականջ (Mytilus) խեցիներ և անուշ ջրերի ամպուլարիաներ (Ampullariae), որոնք միասին ապրում են ոչ շատ աղի ջրում։ Ես ինքս հաճախ նկատել եմ բուսաբանական այգու մոտ ծովի ջրից քիչ պակաս աղի ջուր ունեցող մի լագունում ջրասերի (Hydrophilus) մի տեսակը, որը շատ նման է Անգլիայի ջրանցքներում տարածված ջրային բզեզին. նույն լճում եղած միակ խեցին պատկանում է մի սեռի, որն ընդհանրապես գտնվում է գետախորշներում։

Որոշ ժամանակով թողնելով ծովափը՝ նորից մտանք անտառ։ Ծառերը շատ բարձր էին և համեմատած եվրոպական տեսակների հետ, աչքի էին ընկնում իրենց սպիտակ բներով։ Հուշատետրս վերանայելիս ես տեսնում եմ «զարմանալի և գեղեցիկ ծաղկող պարազիտներին», որոնք անփոփոխ կերպով այդ հոյակապ տեսարաններում որպես ամենանորօրինակ առարկաներ, գրավում են իմ ուշադրությունը։ Շարունակելով մեր ճանապարհը մենք անցնում էինք արոտատեղերով, որտեղ բազմաթիվ մրջյունների կոնաձև բլուրները մեծ վնասներ էին պատճառել։ Այդ բների բարձրությունը մոտավորապես տասներկու ոտնաչափ էր։ Նրանք դաշտին տվել էին ճիշտ Հումբոլտի նկարագրած Խորուլյոյում տղմից առաջացած հրաբուխների տեսքը։ Երբ հասանք Ենգենոդո, մութն արդեն ընկել էր։ Ամբողջ տասը ժամ եղել էինք ձիերի վրա։ Երբեք չեմ դադարի զարմանալու այն աշխատանքի վրա, որ կարողացան կատարել մեր ձիերն ամբողջ ճանապարհորդության ընթացքում։ Բացի այդ, նրանք շատ ավելի շուտ էին բուժվում պատահական վնասներից, քան անգլիական ձիերը։ Հաճախ վամպիր չղջիկները պատճառում են մեծ նեղություններ՝ կծելով ձիերին ուսերի մեջտեղից։ Ընդհանրապես նրանց պատճառած վնասն այնքան արյան կորուստը չէ, որքան հետագայում թամբի ճնշումից առաջացած բորբոքումը։ Վերջին ժամանակները կասկածում են այս պատմության իրողության վրա, բայց շատ ուրախ եմ, որ բախտ ունեցա ներկա լինելու ձիու կռնակին մի վամպիրի (Desmodus d’Oribignyi. Wat.) բռնվելուն։ Մի ուշ երեկո, Չիլիում, Կոկիմբոյի շրջակայքում իջել էինք մի բացօթյա տեղ գիշերելու համար։ Իմ ծառան նկատելով, որ մի ձի շատ անհանգիստ է, գնաց իմանալու նրա անհանգստության պատճառը։ Նրան թվում էր, թե ինչ-որ մի բան պետք է նստած լինի ձիու ուսերի վրա, և ձեռքն արագ պարզելով այն կողմ՝ բռնեց մի վամպիր։ Հաջորդ առավոտը կծած տեղը շատ հեշտ տարբերվում էր իր շրջապատից, լինելով թեթև կերպով ուռած և արնոտ։ Այդ բանից հետո երրորդ օրը հեծանք միևնույն ձին, առանց որևէ վնաս պատճառելու նրան։

thumb

Ապրիլի 13.— Երեքօրյա ճանապարհորդությունից հետո հասանք Սոսեգո, սենյոր Մանվել Ֆիգուիրեդայի կալվածքը։ Նա մեր ընկերներից մեկի ազգականն էր։ Տունը պարզ էր, թեև իր ձևով նման էր սարայի, շատ հարմար էր տեղի կլիմայի համար։ Ընդունարանում ոսկեզօծ աթոռները և բազմոցները մի տարօրինակ հակապատկեր էին ներկայացնում սպիտակացրած պատերի, ծղնոտե տանիքի և ապակեզուրկ պատուհանների հետ։ Տունն իր ամբարներով, ախոռներով և արհեստանոցներով, որտեղ աշխատում էին նեգրերը և որոնց սովորեցրել էին տարբեր արվեստներ, ներկայացնում էր քառանկյունի մի կոպիտ շենք, որի մեջտեղում չորանում էր սուրճի մի մեծ դեզ։ Այս շենքերը շինված են փոքրիկ բլուրների վրա, որոնք բարձրանում են մշակված դաշտերի մեջտեղում և բոլոր կողմերով շրջապատված են մուգ-կանաչ փարթամ անտառային պատերով։ Երկրի այս մասի ամենագլխավոր արտադրությունը սուրճն է։ Ենթադրվում է, որ յուրաքանչյուր ծառ միջին հաշվով տարեկան տալիս է երկու ֆունտ, իսկ մի քանիսը մինչև ութ ֆունտ սուրճ։ Մեծ քանակությամբ մշակվում է նաև մանիոկա կամ կասսադա։ Այս բույսի բոլոր մասերն էլ օգտագործվում են. տերևները և ցողունը ուտում են ձիերը, իսկ արմատն աղում, վերածում են փոշու, որը երբ ճզմում չորացնում և սեղմում են, կոչվում է ֆարինա (farinha) և կազմում է Բրազիլիայի բնակչության գլխավոր սնունդը։ Չափազանց հետաքրքրական և լավ հայտնի փաստ է, որ այս չափազանց սննդարար բույսի հյութը խիստ թունավոր է։ Մի քանի տարի առաջ այս կալվածքում մի կով խմում է այդ հյութից և սատկում։ Սենյոր Ֆիգուիրեդան ինձ պատմեց, որ ինքը նախորդ տարին ցանել է մի տոպրակ բակլա և երեք տոպրակ բրինձ։ Բակլայից ստացել է ութսուն տոպրակ, իսկ բրնձից՝ ցանածից երեք հարյուր քսան անգամ ավելի։ Արոտատեղերում արածում են սքանչելի խոշոր եղջերավոր անասուններ, իսկ անտառներն այնքան լի են որսերով, որ նախորդ երեք օրերից յուրաքանչյուր օրում սպանում էին մի եղջերու։ Սննդի լիառատությունը երևում էր ճաշի ժամանակ, որտեղ եթե սեղանները չէին տնքում, հյուրերն անկասկած տնքում էին, որովհետև սպասում են, որ ամեն ոք ճաշակի յուրաքանչյուր պնակից։ Մի անգամ, երբ ես կարծում էի, որ արդեն ճաշակել եմ բոլոր պնակներից, մեծ եղավ իմ սարսափը, երբ իրենց նյութական ամբողջությամբ նորից երևացին տապակած մի հնդկահավ և մի խոզ։

Ճաշի ժամանակ հատկապես մի մարդ զբաղված էր սենյակներից դուրս քշելով որսի ծերացած շներին և տասնյակներով սևամորթ փոքրիկ երեխաներին, որոնք յուրաքանչյուր հարմար մոմենտին խմբերով ներս էին սողոսկում։ Երբ մի պահ ստրկության գաղափարը հեռանում էր մեր մտքից, այս պարզ և նահապետական կյանքի ձևն իր մեջ ունենում էր որոշ հմայիչ կողմեր։ Սա աշխարհի մնացած մասերից կատարելապես կտրված և անկախ էր։ Հենց որ այստեղ մի նոր մարդ է երևում, սկսում է ղողանջել մի մեծ զանգ, և ընդհանրապես կրակում են նաև մի քանի փոքր թնդանոթ, այսպիսով դեպքը հաղորդելով անտառներին և ժայռերին և ուրիշ ոչ ոքի։ Մի առավոտ, նախքան արևածագը, մի ժամով դուրս եկա զբոսանքի, տեսարանի հանդիսավոր լռությամբ սքանչանալու համար։ Լռությունը խանգարվեց սևամորթների ամբողջ խմբի առավոտյան բարձրաձայն հիմնով։ Ընդհանրապես նրանք այս աղոթքով են սկսում իրենց օրվա աշխատանքը։

Ապրիլի 14.— Սոսեգոյից դուրս գալով մենք ուղևորվեցինք դեպի մի ուրիշ կալվածք, որը գտնվում է Ռիո Մակայեի վրա։ Սա այդ ուղղությամբ եղած մշակվող ամենավերջին հողամասն էր։ Կալվածքն ուներ երկու և կես մղոն երկարություն, իսկ լայնությունը տերը մոռացել էր թե որքան էր։ Միայն մի փոքր մասն էր մաքրված, բայց յուրաքանչյուր ակրի վրա կարելի էր աճեցնել արևադարձային գոտու բոլոր տեսակի հարուստ պրոդուկցիաները։ Բրազիլիայի ընդարձակ տարածության վրա եղած մշակված հողամասը, համեմատած բնական վիճակում թողնված տարածության հետ, մի չափազանց չնչին մաս է կազմում։ Ինչպիսի՜ խիտ ազգաբնակություն կարող է ունենալ Բրազիլիան ապագա տարիներում։ Մեր ճանապարհորդության երկրորդ օրը ճանապարհն այնքան նեղացավ, որ անհրաժեշտ էր մի մարդ, որ սրով առջևից գնար և կտրատեր սողացող բույսերը՝ մեզ ճանապարհ բաց անելու համար։ Անտառը լի էր գեղեցիկ բաներով, որոնցից ծառանման պտերները, որոնք թեև այնքան մեծ չէին, իրենց պայծառ, կանաչ սաղարթներով և ճյուղատերևների գեղակազմ կորությունով արժանի են հիացմունքի։ Երեկոյան խիստ ուժեղ անձրևեց, և թեև ջերմաչափը ցույց էր տալիս 65°, բայց ես շատ էի մրսում։ Հենց որ անձրևը կտրվեց, հետաքրքրական էր տեսնել արտաքո կարգի գոլորշիացումը, որ բռնել էր ամբողջ անտառը. բլուրները մինչև հարյուր ոտնաչափ բարձրությամբ թաղված էին բարձր սպիտակ գոլորշու տակ, որը ծխի նման բարձրանում էր անտառի խիտ մասերից, մասնավորապես հովիտներից։ Այս նույն երևույթը տեսել եմ մի քանի անգամ. կարծում եմ, որ այդ առաջանում է սաղարթների մեծ մակերեսներից, որոնք նախապես տաքանում են արեգակի ճառագայթներից։

Դեռ այս կալվածքից չէինք հեռացել, երբ քիչ էր մնում ես ականատես լինեի այն գազանային տեսարաններից մեկին, որ կարող է տեղի ունենալ միայն ստրկատիրական երկրում։ Մի կռվի և դատական պրոցեսի պատճառով ստրկատերն ուզում էր իր բոլոր ստրուկներին բաժանել իրենց հարազատ կանանցից ու երեխաներից և առանձին-առանձին ծախել Ռիոյի հրապարակային աճուրդում։ Այս բանն, իհարկե, տեղի չունեցավ, և տեղի չունենալու պատճառը ոչ թե կարեկցությունն էր, այլ շահախնդրությունը։ Ես չեմ կարող հավատալ, թե երկար տարիներով միասին ապրած երեսուն ընտանիքներն իրարից բաժանելու այդ աստիճանի տմարդությունն զգում էր նրանց տերը։ Մինչդեռ ինքս կարող եմ երաշխավոր լինել, որ նա մարդասիրությամբ և բարի զգացումներով՝ սովորական մարդկանց շարքից բարձր էր։ Կարելի է ասել, որ շահասիրության, եսասիրության և կուրության սահման չկա։

Ես այստեղ հիշատակելու եմ մի շատ հասարակ դեպք, որը ժամանակին ինձ ավելի շատ հուզեց, քան որևէ այլ անգութ պատմություն։ Մի նեգրի հետ անցնում էի գետանցքով։ Այդ նեգրն անսովոր աստիճանի բթամիտ մարդ էր։ Որպեսզի կարողանայի նրան հասկացնել, թե ինչ էր հարկավոր, բարձր էի խոսում և ձեռքերով նշաններ անում, որի ժամանակ ձեռքս դեպի նրա երեսը մեկնեցի. նա, ենթադրում եմ, կարծեց, որ բարկացած եմ և ուզում եմ իրեն ապտակել, որովհետև վայրկենապես վախեցած դեմքով և կիսախուփ աչքերով նա իր ձեռքերը ներքև կախեց։ Ես երբեք չեմ մոռանալու իմ զարմանքի զգացմունքը, զզվանքը և ամոթը, տեսնելով մի ուժեղ մեծ մարդու, որը մինչև անգամ վախենում է պաշտպանվելու հարվածից, որն, ինչպես ինքն էր կարծում, ուղղված էր իր երեսին։ Այս մարդուն այնպիսի մի նվաստության էին վարժեցրել, որ ավելի ցածր էր, քան ամենաանօգնական կենդանիների ստրկությունը։

Ապրիլի 18.— Վերադարձին երկու օր մնացինք Սոսեգոյում, և այդ երկու օրը ես անցկացրի անտառներում միջատ հավաքելով։ Ծառերի մեծ մասի բների հաստությունը, չնայած բարձրություններին, երեք կամ չորս ոտնաչափ շրջագծից չի անցնում. իհարկե, կան և քիչ թվով ծառեր, որոնք շատ ավելի հաստ են։ Սենյոր Մանվելը մի ամբողջական բնից պատրաստում էր մի նավակ, որն ուներ յոթանասուն ոտնաչափ երկարություն, իսկ ծառն ամբողջությամբ ունեցել էր 110 ոտնաչափ երկարություն և բավականին մեծ հաստություն։ Սովորական ճյուղավոր ծառերի մեջ աճող արմավենիների կոնտրաստը տեսարանին միշտ տալիս է միջարևադարձային տեսք։ Այստեղ անտառները զարդարված էին կաղամբային արմավի ծառերով՝ այս ընտանիքի ամենագեղեցիկ ներկայացուցիչներից մեկով։ Նրա ցողունն այնքան բարակ է, որ մինչև անգամ կարելի է շրջապատել երկու ձեռքերի մատներով։ Մինչդեռ նրա գեղեցկակազմ գագաթը ծածանվում է գետնից քառասուն կամ հիսուն ոտնաչափ բարձրության վրա։ Փայտային սողացող բույսերը, որ իրենց հերթին փաթաթված են ուրիշ սողացողների կողմից, ունեին մեծ հաստություն։ Այս սողացողների մի քանիսի հաստությունը, որ ես անձամբ չափել եմ, հասնում էր երկու ոտնաչափ շրջագծի։ Մեծ ծառերից շատերն իրենց ճյուղերից կախված պատատուկի խոպոպներով ներկայացնում էին մի շատ հետաքրքրական տեսարան և նմանվում էին խոտի խրձերի։ Եթե մարդ իր աչքը վերևի սաղարթների աշխարհից դարձներ ներքև՝ դեպի գետին, իսկույն կգրավվեր պտերի և միմոզաների տերևների ծայրահեղ շքեղությամբ։ Վերջինս մի քանի տեղ գետինը ծածկել էր թավուտով, որը գետնից միայն մի քանի մատնաչափ էի բարձր։ Միմոզայի այս խիտ թփուտների միջով անցնելիս նրանց ստվերների փոփոխությունից նկատվում էր լայն ոտնահետք, որն առաջանում էր նրանց զգայուն կոթունների իջեցումից։ Հեշտ է այս տեսարաններում բնորոշել հիացմունքի առանձին առարկաները, բայց հնարավոր չէ մի համապատասխան գաղափար տալ զարմանքի, հիացմունքի և ակնածանքի բարձր զգացումների մասին, որոնք լցնում և ոգևորում են մարդու միտքը։

Ապրիլի 19.— Թողնելով Սոսեգոն՝ սկզբի երկու օրը գնացինք հին ճանապարհով։ Այդ շատ ձանձրալի էր, որովհետև ճանապարհն անցնում էր ծովափից ոչ հեռու շողացող տաք ավազուտ հարթավայրերով։ Ես նկատում էի, որ յուրաքանչյուր անգամ, երբ ձին իր ոտքը դնում էր սիլիցիումային մանր ավազի վրա, առաջանում էր մի նուրբ ճռճռացող ձայն։ Երրորդ օրը ընտրեցինք մի տարբեր ճանապարհ և անցանք Մադրե դե Դեոս կոչվող ուրախ գյուղի միջով։ Այս ճանապարհը Բրազիլիայի գլխավոր ճանապարհներից մեկն է, բայց և այնպես այնքան վատ վիճակում է գտնվում, որ ոչ մի անվավոր փոխադրական միջոց, բացառությամբ եզան սայլերի, չէր կարող անցնել։ Մեր ամբողջ ճանապարհորդության ընթացքում ոչ մի կամուրջ չանցանք, որ քարից պատրաստված լիներ, իսկ ծառի բներից շինված կամուրջներն այնքան չէին վերանորոգման ենթարկվել, որ նրանցից խույս տալու համար անհրաժեշտ էր լինում գետի միայն մի կողմով գնալ։ Բոլոր հեռավորությունները սխալ են իմանում։ Ճանապարհին տեղ-տեղ մղոնաքարերի փոխարեն տնկել են խաչեր՝ ցույց տալու համար, թե որտեղ է թափվել մարդկային արյուն։ Մեր փոքրիկ ճանապարհորդությունը վերջացրած լինելով՝ 23-ի երեկոյին ժամանեցինք Ռիո։ Ռիոյում իմ ունեցած ժամանակի մնացած մասը ես ապրում էի Բոթոֆոգո ծովածոցի մոտ՝ մի խրճիթում։ Անկարելի էր ցանկանալ մի այնպիսի բան, որն ավելի բերկրալի լիներ, քան մի քանի շաբաթ այսպիսի մի սքանչելի երկրում ապրելը։ Անգլիայում բնապատմության սիրահար որևէ մարդ իր զբոսանքների ժամանակ օգտվում է մեծ առավելություններից, միշտ գտնում է իր ուշադրությունը գրավող մի բան, բայց կյանքով զեղուն այս արգավանդ կլիմայում այնքան շատ են հրապուրանքները, որ հազիվ թե նա կարողանա առաջ շարժվել։

Այն մի քանի դիտումները, որ ես կարողացա անել, գրեթե բացառապես վերաբերում էին անողնաշարավոր կենդանիներին։ Պլանարիա (Planaria) սեռին պատկանող ցամաքային կենդանիների գոյությունն ինձ շատ էր հետաքրքրում։ Այս կենդանիներն իրենց կառուցվածքով այնքան պարզ ենք որ Կյուվյեն նրանց դասել է աղիքային որդերի շարքը, թեև սրանք երբեք այլ կենդանու մարմնի մեջ չեն գտնվել։ Սրանց բազմաթիվ տեսակներն ապրում են և՛ աղի և՛ անուշ ջրերում, բայց իմ ակնարկածները գտնվում էին մինչև անգամ անտառի համեմատաբար չոր մասերում, փտած փայտերի կոճղերի տակին, որոնցով նրանք, իմ կարծիքով, սնվում են։ Ընդհանուր ձևով նրանք նման են փոքրիկ խխունջների, բայց համեմատաբար շատ ավելի նեղ են և մի քանի տեսակներ գեղեցիկ կերպով գունավորված են երկայնակի երիզներով։ Նրանց կաոուցվածքը շատ պարզ է, տակի կամ սողացող կողմի վրա մոտավորապես մեջտեղում կա երկու փոքրիկ լայնակի ճեղք, և առջևի ճեղքից կարող է դուրս ձգվել ձագարաձև և խիստ դյուրագրգիռ բերանը։ Երբ աղի ջրի ազդեցությունից կամ որևէ ուրիշ պատճառից ամբողջ օրգանիզմը մեռնում է, այս մասը դեռ որոշ ժամանակ պահում է իր կենսունակությունը։

Հարավային կիսագնդի զանազան մասերում ես գտա ոչ պակաս քան ցամաքային տասներկու պլանարիաների տեսակներ։[14] Վանդիմենի երկրում իմ ձեռք բերած մի քանի տեսակները մոտավորապես երկու ամիս կենդանի պահեցի։ Նրանց սնուցում էի փտած փայտերով։ Նրանցից մեկը լայնակիորեն մոտավորապես կտրեցի երկու հավասար մասերի, և երկու շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր կտորն ստացավ կենդանու լրիվ ձևը։ Սակայն ես այնպես էի կիսել, որ ներքին երկու բացվածքներն էլ մնացել էին կեսերից մեկի վրա, և հետնաբար մյուսը բացվածք չուներ։ Կտրելու օրից սկսած քսանհինգ օր հետո ավելի կատարյալ կեսը չէր տարբերվում մյուս ամբողջական նմուշներից։ Մյուս կեսը ծավալով շատ էր մեծացել, և իր հետևի ծայրի մոտ՝ պարենխիմային զանգվածում կազմվեց մի պարզ բիծ, որի մեջ պարզ նկատելի էր բաժականման ռուդիմենտային բերանը, բայց մյուս մակերեսին համապատասխան անցք դեռ չբացվեց։ Եթե դեպի հասարակածն առաջանալու հետևանքով բարձրացող ջերմաստիճանը չոչնչացներ մեր ունեցած բոլոր պլանարիաները, կասկած չի կարող լինել, որ այդ վերջին լրացուցիչ օրգանը կամբողջացներ նրա կառուցվածքը։ Մի փորձում հետաքրքրական էր դիտել, թե ինչպես կիսվող յուրաքանչյուր մասում աստիճանաբար առաջ էին գալիս էական օրգանները։ Չափազանց դժվար է այս պլանարիաները պահպանելը. հենց որ կյանքի դադարումը թույլ է տալիս սովորական քայքայման օրենքներին գործելու, նրանց ամբողջ մարմինը չափազանց արագ փոխվում է փխրուն և հեղուկ վիճակի։

Ամենից առաջ ես այցելեցի այն անտառը, որտեղ գտնվում էին այս պլանարիաները։ Ինձ ընկերակցում էր պորտուգալացի մի ծեր քահանա, որն ինձ իր հետ էր վերցրել որսի համար։ Մեր որսորդության էությունը հետևյալն էր — անտառի թփուտների մեջ բաց էինք թողնում որսի մի քանի շներ և ապա համբերությամբ սպասում էինք որևէ երևացող կենդանու վրա կրակելսւ համար։ Մեզ հետ էր նաև հարևան ֆերմերի որդին — մի տիպիկ ներկայացուցիչ բրազիլյան վայրի պատանեկության։ Նա հագել էր պատառոտված մի հին բլուզ և անդրավարտիք, իսկ գլխին գլխարկ չուներ. նա իր հետ ուներ հին ձևի մի հրացան և մի մեծ դանակ։ Դանակ կրելու սովորությունը Բրազիլիայում չափազանց տարածված է, և այդ շատ անհրաժեշտ է խիտ անտառից անցնելու ժամանակ սողացող բույսերը կտրատելու համար։ Հաճախակի տեղի ունեցող մարդկային սպանությունները մասամբ կարելի է վերագրել այս սովորությանը։ Բրազիլիացիներն այնքան լավ են տիրապետում դանակի գործածությանը, որ նրանք կարող են դանակը նետել մեծ ճշգրտությամբ, որոշ հեռավորության վրա, այն էլ այնպիսի ուժով, որ կարող է մահացու վերք առաջացնել։ Ես տեսել եմ մի խումբ փոքր տղաների որպես խաղ՝ դանակ նետելու վարժություններ կատարելիս։ Տնկված փայտին խփելու նրանց ճարպկությունից դատելով նրանք հետագա ավելի լուրջ փորձերի հաջողության համար տալիս էին լավ ցուցանիշներ։ Իմ ընկերակիցը նախորդ օրն սպանել էր մորուքավոր երկու մեծ կապիկ։ Այս կենդանիներն ունեն բռնող պոչեր, որոնց ծայրը մինչև անգամ սատկելուց հետո էլ կարող է պահել մարմնի ամբողջ ծանրությունը։ Այդ կապիկներից մեկն ամուր մնացել էր ծառի ճյուղից կախված, և նրան ձեռք բերելու համար անհրաժեշտ էր կտրել մի մեծ ծառ։ Ծառը նույն ժամին կտրեցինք և նա կապկի հետ մի ահռելի շառաչյունով գլորվեց ներքև։ Մեր այդ օրվա որսորդական զբոսանքը վերջացավ, բացի կապկից, մի քանի կանաչ փոքրիկ թութակներ և մի քանի տուկան ձեռք բերելով։ Իմ ծանոթությունը պորտուգալացի քահանայի հետ ինձ համար բավականին շահավետ եղավ, որովհետև մի ուրիշ անգամ նա ինձ տվեց վայրի կատվի (Jagouarundi) մի գեղեցիկ նմուշ։

Ամեն ոք լսած կլինի Բոթոֆոգոյի շրջապատի գեղեցիկ տեսարանների մասին։ Այն տունը, որի մեջ ապրում էի ես, գտնվում էր հանրածանոթ Կորկովադո լեռան ստորոտին։ Շատ ճիշտ է նկատված, որ դիք կոնաձև բլուրները բնորոշ են այն ֆորմացիային, որ Հումբոլտն անվանում է գնեյսո-գրանիտային։ Ոչ մի բան ավելի տպավորիչ չի կարող լինել, քան այս ամենափարթամ բուսականության միջից բարձրացող այս մերկ ժայռերի մեծ և կլոր ահռելի մեծ զանգվածների տեսքը։ Ես հաճախ մեծ հետաքրքրությամբ դիտում էի այն ամպերը, որոնք շարժվելով դեպի ցամաքը՝ Կորկովադո սարի ամենաբարձր գագաթի տակին ամպակույտեր էին կազմում։ Այս սարը, ուրիշ շատ սարերի նման, երբ այսպես մասամբ քողարկվում էր ամպերով, թվում էր, թե շատ ավելի բարձր է, քան իր իսկական բարձրությունը, որը երկու հազար երեք հարյուր ոտնաչափ էր։ Դանիելն իր մետեորոլոգիական աշխատություններում նկատում է, որ երբեմն ամպերը երևում են լեռան գագաթին կպած, մինչ քամին շարունակում է փչել նրանց վրայով։ Նույն երևույթը, մի փոքր տարբեր տեսքով, ներկայացված էր այստեղ։ Այս դեպքում կարելի էր պարզ տեսնել, թե ինչպես ամպը գալարվում էր և արագ անցնում գագաթի մոտով, և ոչ փոքրանում էր նրա ծավալը, ոչ էլ մեծանում։ Արևը մայր էր մտնում և հարավային մի մեղմ զեփյուռ զարնվելով ժայռի հարավային կողմին՝ իր հոսանքը խառնում էր վերևի համեմատաբար ցուրտ օդի հետ և այսպիսով խտացնում գոլորշին, բայց հենց որ ամպի թեթև պսակներն անցնում էին գագաթի մոտով և մտնում հյուսիսային փեշերի համեմատաբար տաք մթնոլորտի ազդեցության շրջանը, անմիջապես կազմալուծվում էին։

thumb

Մայիս, հունիս ամիսներին, այսինքն այդ տեղի ձմեռվա սկզբին, կլիման հիանալի էր։ Միջին ջերմաստիճանը, որն ստացվում էր առավոտյան և երեկոյան ժամը 9-ի չափումներից, 72° էր։ Հաճախ ուժեղ անձրևում էր, բայց հարավային չորացնող քամիները շատ շուտով զբոսանքը դարձնում էին հաճելի։ Մի առավոտ 6 ժամվա ընթացքում տեղաց 1,6 մատնաչափ[15] անձրև։ Երբ այս փոթորիկն անցավ, Կորկովադոն շրջապատող անտառների վրայով անհաշիվ տերևների վրա թափվող անձրևի կաթիլներից առաջացած ձայնն այնքան բարձր էր, որ այդ ձայնը կարելի էր լսել մի քառորդ մղոն հեռավորության վրա, այս շատ նման էր մի մեծ ջրի սահանքի ձայնին։ Շոգ ցերեկներից հետո չափազանց հաճելի էր հանգիստ նստել պարտեզում և դիտել երեկոյի անցումը գիշերի։

Այս կլիմաներում բնությունն իր երգիչներին ավելի խոնարհ կատարողներից է ընտրում, քան Եվրոպայում։ Հիլա (hyla) սեռի մի փոքրիկ գորտ նստում է ջրի մակերևույթից մոտ մի մատնաչափ բարձր մի տերևի սկուտեղի վրա և արձակում իր հաճելի գեղգեղանքը։ Երբ մի քանիսն են հավաքվում իրար մոտ, նրանք երգում են ներդաշնակ, տարբեր նոտաներով։ Այս գորտերից մի նմուշ բռնելն ինձ բավականին դժվարություն պատճառեց։ Հիլա սեռի գորտերի մատների ծայրերը վերջանում են փոքրիկ ծծաններով, և ես տեսա, թե ինչպես նա մինչև անգամ կարող է սողալ պատուհանի ապակու վրայով, երբ ապակին գտնվում է ուղղաձիգ դիրքում։ Զանազան ճպուռներ (cicadae) և ծղրիդներ միևնույն ժամանակ բարձրացրել էին մի անդադար զիլ աղաղակ, որը, երբ որոշ հեռավորության վրա փափկանում է, անախորժ չէ։ Ամեն երեկո մթնելուց հետո սկսվում է այս մեծ համերգը, և ես հաճախ եմ նստել նրանց ունկնդրելու համար, մինչև ուշադրությունս գրավվել է մոտից անցնող մի հետաքրքրական միջատով։

Այսպիսի ժամանակներում երևում են ցանկատունկից ցանկատունկ թռչող լուսարձակ միջատները։ Մութ գիշերին նրանց լույսը կարող է երևալ երկու հարյուր քայլ հեռավորության վրա։ Նշանակալի է այն, որ բոլոր տարբեր տեսակների լուսարձակ միջատները, շողացող դյուրադարձիկների (Elateridae) և զանազան ծովային կենդանիների (օրինակ՝ խեցեմորթներ, մեդուզաներ, ներեիդներ, Clytia և Pyrosoma սեռին պատկանող մի կորալ) լույսը, որ ես դիտել եմ, եղել է պարզ նկատելի կանաչ գույնի։ Այստեղ իմ բռնած բոլոր լուսարձակ միջատները պատկանում հին լամպիրիդե (Lampyridae) ընտանիքին (որի մեջ է մտնում նաև անգլիական լուսարձակ միջատը), և նմուշների մեծ մասը Lampyris occidentalis-ներ էին։[16] Ես գտա, որ այս միջատը, երբ գրգռում էին, արձակում էր չափազանց պայծառ շողեր։ Ընդմիջումների ժամանակ որովայնային օղակները խավարում էին։ Շողերի արձակումը երկու օղակներից էլ կատարվում էր գրեթե միևնույն վայրկյանին, բայց նախ զգացվում էր առջևի օղակի արձակածը։ Շողացող նյութը հեղուկ էր և խիստ կպչուն. փոքրիկ բծերը, որտեղ պատռվել էր մորթը, թույլ շողով շարունակում էին իրենց առկայծումը, մինչդեռ չվնասված մասերն աղոտ էին։ Միջատի գլխատումից հետո օղակները շարունակում էին իրենց պայծառությունը. բայց ոչ այնքան փայլուն, ինչպես առաջ։ Ասեղով կատարվող որոշ տեղերի գրգռումները միշտ բարձրացնում էին լույսի կայտառությունը։ Մի անգամ միջատի մահից քսանչորս ժամ հետո օղակները դեռ պահել էին իրենց լուսավոր հատկությսւնը։ Այս փաստերից հետո պետք է ենթադրել, որ այդ կենդանին լույսը պահել կամ մարել կարող է միայն կարճ ժամանակով, իսկ եթե երկար ժամանակով նա պայծառ է մնում, ապա այդ լինում է իր կամքից անկախ։ Տղմոտ և խոնավ խճային ճանապարհների վրա ես գտա մեծ թվով այս Lampyris-ի թրթուրներից։ Նրանք ընդհանուր ձևով նմանվում էին անգլիական լուսատիտիկներին։ Այս թրթուրների լուսատու կարողությունը շատ թույլ է և խիստ տարբերվում է լրիվ աճած լուսարձակ միջատների լույսից։ Եթե ամենաթույլ չափով անգամ դիպչեն նրանց, նրանք մեռած են ձևանում և դադարում են շողալուց, ոչ էլ գրգռումն է առաջացնում նոր շողերի արձակում։ Ես նրանց մի քանիսին որոշ ժամանակով պահեցի կենդանի։ Նրանց պոչը խիստ եզակի մի օրգան է, որովհետև այդ պոչը մեծ ճարտարությամբ գործում է որպես ծծան կամ կպչող օրգան, նա ծառայում է նաև որպես լորձանյութի կամ նման մի հեղուկի ռեզերվուար։ Ես շատ անգամ նրանց կերակրում էի հում մսով և անփոփոխ նկատում էի, որ ամեն անգամ պոչի ծայրը տարվում էր բերանը և մի կաթիլ հեղուկ արտաթորվում մսի վրա, որն այդ րոպեին գտնվում էր սպառվելու ճանապարհին։ Չնայած այդքան վարժ լինելուն՝ չի երևում, որ պոչը կարող է գտնել բերանի ճանապարհը. գոնե ըստ դիտումների նախ վիզն էր շոշափում, որը նրա համար ուղեցույցի դեր էր կատարում։

Բահիայում եղած ժամանակ թվում էր, թե ամենասովորական լուսատու միջատը մի դյուրադարձիկ կամ բզեզ (Pyrophorus luminosus, Illig.) է։ Այս միջատը ևս գրգիռ առաջացնելիս՝ լույսն ավելի էր պայծառանում։ Մի օր զվարճանում էի այս միջատի թռչելու կարողությունը դիտելով, որը թվում է թե առանձնապես չի նկարագրվել։[17] Երբ այս դյուրադարձիկը տեղավորվում էր իր կռնակի վրա և պատրաստվում թռչելու, նա շարժում էր իր գլուխը և լանջը դեպի ետ, այնպես, որ կրծքի ողնաշարը դուրս էր ձգվում և հանգիստ առնում իր պատյանի եզրին։ Նույն շարժումը դեպի ետ շարունակվելով՝ ողնաշարը մկանների ամբողջ լարումով զսպանակի նման ծռվում էր, և այդ մոմենտին միջատը հանգստանում էր գլխի ծայրամասի և թևատուփի ծայրերի վրա։ Այս լարվածությունը հանկարծակի թուլանալով՝ գլուխը և կուրծքը դուրս էին թողնում և, հետևաբար, փակված թևերի ծայրերն այնպիսի ուժով էին խփում հենարան գետնին, որ հակազդեցությունից միջատը հանկարծ նետվում էր մեկ կամ երկու ոտնաչափ վեր։ Կրծքի ողնաշարի պատյանի դուրս ձգված կետերը ծառայում էին թռչելու ժամանակ ամբողջ մարմինը հաստատուն պահելու համար։ Իմ կարդացած նկարագրությունների մեջ ողնաշարի առաձգականության վրա բավարար ուշադրություն չի դարձված, այդպիսի մի հանկարծակի ցատկում չէր կարող սոսկ մկանային կծկման արդյունք լինել, եթե չլինեին մի շարք մեխանիկական այլ ճարպկություններ։

Երբեմն ես ձեռնարկում էի դեպի շրջակայքը կարճ, բայց վերին աստիճանի հաճելի էքսկուրսիաներ։

Մի օր գնացի բուսաբանական այգին, որտեղ կարելի էր տեսնել բազմաթիվ աճող բույսեր։ Սրանք շատ լավ հայտնի են իրենց մեծ օգտակարությամբ։ Կամֆորների, կինամոնների և մեխակի ծառերի տերևներն ունեին սքանչելի բուրմունք, և հացենի ծառը՝ յական ու մանգո ծառն իրենց սաղարթների շքեղությամբ մրցում էին իրար հետ։ Բահիայի շրջակայքում տեսարանը գրեթե իր ամբողջ պատկերն ստանում էր այս վերջին երկու ծառերից։ Նախքան նրանց տեսնելը չէի իմանում, թե արդյոք ծառը կարո՞ղ է այդ աստիճանի անթափանցելի ստվեր ձգել գետնի վրա։ Այդ ծառերն էլ այս մշտադալար բուսականության նկատմամբ այն հարաբերությունն ունեն, ինչ որ Անգլիայում դափնիները և հաճարի ծառերն ունեն ավելի բաց կանաչ և տերևները թափվող ծառերի նկատմամբ։ Արևադարձային երկրներում ընդհանրապես նկատելի է, որ տները շրջապատված են բուսականության ամենագեղեցիկ ձևերով, որովհետև այդ բույսերից շատերը միևնույն ժամանակ չափազանց օգտակար են մարդուն։ Ո՞վ կարող է կասկածել, որ այդ երկու բարձր որակները — օգտակարությունը և գեղեցիկ տեսքը — միացած են բանանի, կոկոսյան արմավի, արմավի բազմաթիվ տեսակների, նարնջի և այլ ծառերի մոտ։

Այդ օրն ինձ վրա մասնավորապես մեծ տպավորություն էր թողել Հումբոլտի դիտողություններից մեկը, որն ինքը՝ Հումբոլտը հաճախ ակնարկում է՝ «նոսր գոլորշին, որ առանց փոփոխելու օդի թափանցկությունը, նրա գույներն ավելի ներդաշնակ է դարձնում, իսկ ազդեցություններն ավելի քնքուշ»։ Սա մի երևույթ է, որ ես երբեք չեմ նկատել բարեխառն գոտիներում։ Մթնոլորտը մի կարճ տարածության վրա, կեսից երեք քառորդ մղոն հեռավորությամբ, երևում է կատարելապես պայծառ, բայց ավելի մեծ հեռավորության վրա բոլոր գույները խառնվում և վերածվում էին մի չափազանց գեղեցիկ բաց-գորշ, քիչ կապույտ մշուշի։ Մթնոլորտի վիճակն առավոտվա և կեսօրվա միջև, երբ ազդեցությունը շատ լավ հայտնի էր, քիչ փոփոխության էր ենթարկված, բացառությամբ իր չորության։ Այդ միջանկյալ ժամանակում ջերմաստիճանի և ցողի կետի միջև եղած տարբերությունը բարձրացել էր 7,5°-ից 17°-ի։

Մի ուրիշ անգամ վաղ դուրս եկա և գնում էի դեպի Գավիա, կամ Վերնառագաստ սարը։ Օդը հիանալի զով էր և բուրավետ, իսկ ցողի կաթիլները դեռ փայլում էին շուշանային մեծ բույսերի տերևների վրա, որոնք ստվեր էին գցել վճիտ ջրով առվակների վրա։ Նստած գրանիտե ժայռին՝ հաճելի էր դիտել զանազան միջատներին և թռչուններին, որոնք անցնում էին թռչելով։ Փոքրիկ հծծահավը (կոլիբրի) կարծեք թե առանձնապես մոլի է այսպես ստվերոտ, մեկուսացած վայրերին։ Երբ տեսնում էի այս փոքրիկ արարածներին, որ բզզում էին ծաղկի շուրջը, թափահարելով թևերն այնպես արագ, որ հազիվ թե տեսանելի լինեին, հիշում էի մեր գիշերային թիթեռները. նրանց շարժումներն ու սովորություններն իսկապես շատ բաներով չափազանց նման են։

Հետևելով մի շավղի՝ մտա մի հոյակապ անտառ, և հինգ-վեց հարյուր ոտնաչափ բարձրությունից իմ առաջ բացվեց այն շքեղ տեսարաններից մեկը, որոնք շատ սովորական են Ռիոյի բոլոր կողմերում։ Այս բարձրության վրա տեսարանն ստանում էր իր ամենափայլուն երանգները, և յուրաքանչյուր ձև, յուրաքանչյուր ստվեր իր շքեղությամբ այնպես ամբողջովին գերազանցում էր բոլոր այն տեսարաններին, որ եվրոպացին տեսնում է իր սեփական երկրում, որ նա չի իմանում, թե ի՜նչպես արտահայտի իր զգացմունքները։ Ընդհանուր տպավորությունն ինձ հաճախ հիշեցնում էր օպերայի կամ մեծ թատրոնների ամենազվարթ տեսարանները։ Այս էքսկուրսիաներից երբեք դատարկաձեռն չէի վերադառնում։ Այդ օրը ես գտա սնկի մի հետաքրքրական նմուշ, որ կոչվում էր Hymenophallus։ Անգլիայում գրեթե բոլորին հայտնի է Phallus սունկը, որն աշնանը լցնում է օդն իր բուրավետ հոտով։ Այս բուրմունքը, ինչպես ասում են միջատաբանները, մեր բզեզներից մի քանիսի համար բերկրալի բուրմունք է։ Նույնը նաև այստեղ, որովհետև այս սնկից մի հատ պահել էի ձեռքումս, մի ստրոնգիլուս (Strongylus) հրապուրվելով նրա բուրմունքից, իջավ նրա վրա։ Այստեղ մենք տեսնում ենք երկու հեռավոր երկրների միևնույն ընտանիքի բույսերի և միջատների նույնօրինակ հարաբերությունը, թեև նրանց տեսակները տարբեր են։ Երբ մի երկրում նոր տեսակի ներմուծող գործոնը մարդն է, այս հարաբերությունը հաճախ խզվում է. որպես օրինակ կարող եմ հիշատակել կաղամբի և սալաթի տերևները որոնք Անգլիայում հանդիսանում են բազմաթիվ խխունջների և թրթուրների սնունդ, իսկ Ռիոյի շրջակայքի պարտեզներում այդ բույսերը բոլորովին ազատ են սրանցից։ Բրազիլիայում գտնված ժամանակամիջոցում ես միջատներից կազմեցի մի մեծ կոլեկցիա տարբեր կարգերի բաղդատական նշանակության վերաբերյալ։ Մի քանի ընդհանուր դիտողություններ կարող են հետաքրքրական լինել անգլիացի միջատաբանների համար։ Մեծ և պայծառ գույնով Lepidoptera թիթեռնիկները շատ ավելի պարզ են բնորոշում իրենց բնակավայրը, քան որևէ ուրիշ կենդանական տեսակ։ Ես ակնարկում եմ միայն ցերեկային թիթեռներին, իսկ գիշերային թիթեռները, հակառակ այս փարթամ բուսականությունից սպասածին, անհամեմատ ավելի քիչ են թվով, քան մեր բարեխառն երկրներում։ Ես շատ զարմացել էի պապիլիո ֆերոնիայի (Papilio feronia) սովորությունների վրա։ Այս թիթեռնիկն այստեղ բավականին տարածված է և ընդհանրապես հաճախում է նարնջի ծառերին։ Թեև նա շատ բարձրից է թռչում, բայց հաճախ իջնում է ծառերի բներին։ Այդպիսի դեպքերում նրա գլուխը միշտ տեղավորվում է դեպի ներքև, իսկ թևերն ուղղահայաց ծալվելու փոխարեն, ինչպես որ լինում է սովորաբար, տարածվում են հորիզոնական հարթությամբ։ Իմ տեսած թիթեռների մեջ այս միակն է, որ իր ոտքերն օգտագործում է վազելու համար։ Չգիտենալով այս բանը, երբ ես մի քանի անգամ իմ փոքրիկ ունելին զգուշ մոտեցնում էի նրան, և հենց որ ունելին պատրաստ էր լինում նրան բռնելու, նա վայրկենապես մի քանի քայլ մի կողմ էր վազում և խույս տալիս ունելուց։ Բայց շատ ավելի եզակի փաստ է այս տեսակների ձայն հանելու կարողությունը։[18] Շատ անգամ, երբ մի զույգ, հավանորեն արու և էգ, մի անկանոն ուղղությամբ հալածում էին իրար և անցնում իմ մոտով, երբեմն մի քանի յարդ հեռավորությամբ, ես պարզ լսում էի մի շաչող ձայն, նման այն ձայնին, որ առաջանում է զսպանակի տակից անցնող ատամնավոր անվից։ Ձայնը շարունակվում էր կարճ ընդմիջումներով, և կարելի էր պարզ լսել մոտ քսան յարդ հեռավորության վրա։ Ես հավատացած եմ, որ այս դիտումների մեջ սխալ չկա։

Ես հուսախաբված էի Coleoptera-ի (պատենաթև միջատներ) ընդհանուր տեսքից։ Մանր ու մուգ գույներով ներկված բզեզների թիվը չափազանց մեծ է։[19] Եվրոպայի միջատաբանական կաբինետները մինչև այժմ էլ դեռ կարող են միայն պարծենալ արևադարձային կլիմաների ավելի մեծ տեսակներով։ Այդ բավական է միջատաբանի մտքի հանգստությունը խանգարելու համար՝ երևակայելով ապագա լիակատար կատալոգի ծավալի մասին։ Մսակեր բզեզները (Carabidae) արևադարձային շրջաններում երևան են գալիս չափազանց փոքր թվերով։ Այս ավելի նշանակալի է դառնում, երբ այդ բաղդատում են մսակեր չորքոտանիների հետ, որոնք խիստ առատ են տաք երկրներում։ Ինձ շատ էր զարմացնում այս դիտողությունը թե՛ Բրազիլիա մտնելիս և թե՛ այն ժամանակ, երբ Harpalidae-ի բազմաթիվ գեղակազմ և ակտիվ ձևերը վերստին երևացին Լա Պլատայի բարեխառն հարթավայրում։ Արդյոք այդ չափազանց բազմաթիվ սարդերը և գիշակեր Hymenoptera-ները (թաղանթաթևեր) չե՞ն փոխարինում մսակեր բզեզներին։ Դիակներով սնվողները է Brachelytera-ները (կարճապատյան միջատ) շատ հազվադեպ են. մյուս կողմից՝ Rhyncophora-ն և Chrysomelidae-ն, որոնց բոլորի գոյությունն էլ կախում ունի բուսական աշխարհից, գտնվում են ապշեցուցիչ թվերով։ Այստեղ ես չեմ խոսում տարբեր տեսակների թվի մասին, այլ անհատ միջատների մասին, որովհետև սրանցից են կախված տարբեր երկրների միջատաբանության ամենաբնորոշ հատկանիշները։ Orthoptera-ի (ուղղաթև) և Hemiptera-ի (կիսաթև) կարգերը մասնավորապես բազմաթիվ են, ինչպես Hymenoptera-ի խայթող մասը. գուցե բացառություն կազմեն մեղուները։ Երբ մեկն առաջին անգամ մտնում է արևադարձային անտառ, ապշում է մրջյունների աշխատանքի վրա։ Լավ բացված շավիղները ճյուղավորվում են ամեն ուղղությամբ, որոնց վրա երևում են պաշար հավաքող անընդհատ շարժվող մրջյունների բանակներ։ Մի քանիսը գնում են առաջ, մյուսները վերադառնում՝ հաճախ բեռնավորված իրենց մարմնից մեծ կանաչ տերևների կտորներով։

Մի փոքր մութ գույնի մրջյուն երբեմն չվում է անհաշիվ թվով։ Մի օր Բահիայում իմ ուշադրությունը գրավված էր բազմաթիվ սարդերով, ուտիճներով և այլ միջատներով և մի քանի մողեսներով, որոնք չափազանց աշխուժ սուրում էին մի բաց տարածության մի կողմից մյուսը։ Քիչ այն կողմ յուրաքանչյուր ցողուն և տերև սևացել էր մի փոքրիկ մրջյունից։ Այդ մրջյունների պարն անցնելով մերկ տարածությունը՝ բաժանվեց շարքերի և սկսեցին բարձրանալ մի հին պատ։ Այսպիսի մանեվրների ժամանակ շատ մրջյուններ թաղվեցին և զարմանալի էր տեսնել, թե ինչպես այս փոքրիկ խեղճ արարածներն ամեն ջանք ու ճիգ գործ էին դնում այսպիսի մի մահից ազատվելու համար։ Երբ մրջյունները եկան ճանապարհի վրա, փոխեցին իրենց ընթացքը և նեղ շարքով նորից բարձրացան պատը։ Այս շարքերից մեկի ընթացքը խանգարելու նպատակով ճանապարհին մի փոքրիկ քար դրեցի, ամբողջ խումբը հարձակվեց նրա վրա և անմիջապես ետ քաշվեց։ Քիչ հետո նրանց փոխարինեց մի այլ խումբ, և նորից չկարողանալով անել և ոչ մի ազդեցություն՝ շարժման այս ուղղությունն ամբողջովին լքեցին։ Եթե մի մատնաչափ շրջանցեին, նրանց շարանը քարից խույս տված կլիներ, և անկասկած այդպես էլ կվարվեին, եթե այդ քարն սկզբում այդտեղ դրված լիներ, բայց մի անգամ հարձակման ենթարկվելուց հետո այդ առյուծասիրտ փոքրիկ ռազմիկներն արհամարհում էին զիջելու միտքը։

Ռիոյի շրջակայքում չափազանց շատ տարածված են պիծականման մի քանի միջատներ, որոնք վերանդաների անկյուններում կառուցում են կավե բջիջներ՝ իրենց թրթուրների համար։ Նրանք այս բջիջներն ամբողջովին լցնում են կիսամեռ սարդերով և թրթուրներով։ Թվում է, թե նրանք զարմանալիոեն շատ լավ գիտեն, թե ինչ աստիճանի պետք է խայթեն, որ նրան անդամալույծ անեն, բայց կենդանի թողնեն մինչև իրենց ձվերից թրթուրներ դուրս գալը։ Այդ թրթուրները սնվում են անզեն, անուժ, կեսամեռ զոհերի մարմիններով. քստմնելի տեսարան, որը մի էնտուզիաստիկ բնագետ նկարագրել է որպես հետաքրքրական և հաճելի բան։[20] Մի անգամ մեծ հետաքրքրությամբ դիտում էի մի պիծակի (Pepsis) ե Lycosa սեռի մի մեծ սարդի միջև տեղի ունեցող մահացու պայքարը։ Պիծակը հանկարծակի մի հարված տվեց իր որսին և ապա թռավ գնաց. երևում էր, որ սարդը վիրավորվել էր, որովհետև, երբ փորձեց փախչել, մի թեքությունից վար գլորվեց, բայց դեռ բավականին ուժ ուներ սողալու խիտ կանաչ խոտի մեջ։ Շուտով պիծակը վերադարձավ և թվում էր թե զարմացել էր՝ անմիջապես չգտնելով իր զոհին։ Հետո սկսեց այնպես կանոնավոր փնտրել իր որսը, որ կարծեք թե աղվես փնտրող որսի շուն լիներ, ամբողջ ժամանակը շարժում էր իր թևերը և շոշափուկները՝ կատարելով կարճ կիսաշրջանային թռիչքներ։ Թեև սարդը լավ թաքնված էր, բայց շուտով գտնվեց, և պիծակը, որն, ըստ երևույթին, դեռ վախենում էր հակառակորդի ծնոտներից, երկար մանեվրներ կատարելուց հետո կրծքի ներքևի կողմի վրա երկու տեղ խայթեց։ Վերջապես իր շոշափուկներով զգուշ կերպով բոլորովին անշարժացած սարդին քննելուց հետո սկսեց նրա մարմինը քաշել և տանել։ Բայց ես կանգնեցրի և՛ բռնավորին, և՛ իր զոհին։[21] Սարդերի թիվը համեմատած մյուս միջատների հետ այստեղ շատ ավելի մեծ է, քան Անգլիայում. գուցե սրանք ավելի շատ են, քան հոդավոր կենդանիների որևէ այլ բաժին։ Տեսակների բազմազանությունը թռչող սարդերի մեջ, կարելի է ասել, անսահման է։ Epeira-յի սեռը, ավելի շուտ ընտանիքը, այստեղ բնորոշ է իր բազմաթիվ եզակի ձևերով. մի քանի տեսակներն ունեն սրածայր կաշենման պատյաններ, մյուսները՝ լայնատարած և փշոտ հոդեր։ Անտառի ամեն մի շավիղ պատնեշված է սարդի ուժեղ դեղին ոստայնով։ Այս սարդը Ֆաբրիցիուսի Epeira clavipes-ի հետ պատկանում են այն բաժնին, որոնք, ըստ Սլոանի պատմածի, այնպիսի ոստայն են հյուսում Վեստ Ինդիայում, որ մինչև անգամ կարող են թռչուններ բռնել։ Այս ոստայններից յուրաքանչյուրի վրա որպես պարազիտ ապրում է երկար ոտքերով մի փոքրիկ գեղեցիկ տեսակի սարդ, որն, ըստ երևույթին, պատկանում է դեռ չնկարագրված մի սեռի։ Թվում է, թե մեծ Epeira-յի համար այս փոքրիկ սարդը չափազանց աննշան մի բան է և նրա ուշադրությունը չի գրավում, և նա թույլ է տալիս նրան որսալու, այն մանր միջատները, որոնք բռնվելով ոստայնում, կոչնչանային առանց օգտագործման։ Երբ այս փոքրիկ սարդը ահաբեկված է լինում — մեռած է ձևանում, փռելով էր առջևի ոտքերը, կամ հանկարծակի ոստայնից վար է ընկնում։ Չափազանց տարածված է միևնույն Epeira tuberculata և conica բաժանմունքի մի մեծ Epeira, մասնավորապես չոր տեղերում։ Նա իր ոստայնը, որը սովորաբար շինում է սովորական ագավենու մեծ տերևների միջև, կենտրոնի մոտ երբեմն ուժեղացնում է մի զույգ կամ մինչև անգամ չորս զիգ-զագ ժապավեններով, որոնք երկու հարակից ծայրերը կապում են իրար։ Երբ մի մեծ միջատ, ինչպես, օրինակ, մի մորեխ կամ մի պիծակ բռնվում է, սարդը մի ճարպիկ շարժումով շատ արագ ոլորում է նրան և միևնույն ժամանակ իր մանարանից դուրս թողնում թելերի մի խուրձ։ Շուտով նա իր որսն առնում է տոպրակի մեջ, շերամի որդի բոժոժի նման։ Այժմ սարդը քննում է անզոր զոհին և լանջի ներքևի հետևի կողմի վրա տալիս է իր մահացու խայթը և ետ քաշվելով՝ համբերությամբ սպասում է, մինչև թույնն ազդի։ Այս թույնի ներգործելու աստիճանը կարելի է իմանալ այն փաստից, որ երբ կես րոպե հետո բաց արի բոժոժը՝ նրա մեջ գտա բոլորովին անկենդան մի մեծ պիծակ։ Այդ սարդը միշտ նստում է իր ոստայնի կենտրոնի մոտ՝ գլուխը ներքև կախած։ Երբ նրան խանգարում են կամ անհանգստացնում, նա դրանց պատասխանում է տարբեր ձևով՝ նայած հանգամանքին. եթե ներքևում մացառ կամ նման մի բան կա, հանկարծակի ընկնում է ներքև, և ես պարզ տեսել եմ հանգիստ ժամանակ նրա մանելու գործարանից երկարացող թելը որպես նրա անկման նախապատրաստում։ Եթե գետինը մաքուր է և թաքնվելու տեղ չկա, հազիվ թե նա իրեն ներքև գցի. այդ դեպքում նա կենտրոնական անցքով արագ անցնում է մի կողմից մյուսը։ Իսկ եթե շարունակում են նրան նեղել, նա դիմում է մի չափազանց հետաքրքրական մանեվրի. կանգնելով մեջտեղում՝ նա ուժգին ցնցում է իր ոստայնը, որը կապված է առաձգական ճյուղերին, մինչև որ վերջիվերջո այնպիսի արագ տատանվող շարժում է ստացվում, որ մինչև անգամ հնարավոր չի լինում որոշել սարդի ուրվագիծը ոստայնում։

Հայտնի է, որ երբ անգլիական սարդերից շատերի ոստայնը մի մեծ միջատ է ընկնում, աշխատում են կտրատել ոստայնի թելերը և ազատել իրենց որսը, որպեսզի փրկեն իրենց ուռկանն ամբողջովին ոչնչանալուց։ Սակայն մի անգամ Շրոպշիրում, ջերմանոցում մի մեծ էգ պիծակ բռնված էր մի շատ փոքր սարդի անկանոն ոստայնում, և այս սարդը փոխանակ ոստայնը կտրատելու՝ ամենահամառ կերպով սկսեց թելերով փաթաթել զոհի մարմինը, մասնավորապես թևերը։ Սկզբում պիծակն իզուր էր կրկնում էր կնճիթով փոքրիկ հակառակորդին խայթելու փորձերը։ Մի ժամից ավելի նրան պայքարել թույլ տալուց հետո ես խղճացի պիծակին և սպանելով նրան նորից դրի ոստայնի մեջ։ Սարդը շուտով վերադարձավ, և մի ժամ հետո շատ էի զարմացել տեսնելով նրա ծնոտները թաղված պիծակի այն բացվածքի մեջ, որից կենդանի պիծակը դուրս էր հանել իր խայթիչը։ Երկու երեք անգամ ես սարդը հեռացրի ոստայնից, բայց հաջորդ քսանչորս ժամում ես նրան միշտ գտնում էի միևնույն տեղից ծծելիս։ Սարդը խիստ ուռել էր՝ ծծելով իր որսի հյութը, որը մի քանի անգամ մեծ էր իրենից։

Այստեղ ես կարող եմ հիշատակել, որ Սանտա Ֆե Բաջադայի մոտ ես գտա բազմաթիվ սև մեծ սարդեր, որոնց կռնակները ներկված էին կարմրավուն նշաններով. սրանք ունեին համայնակեցական սովորություններ։ Ոստայնները տեղավորված էին ուղղահայաց դիրքով, ինչպես անփոփոխ լինում են Epeira սեռի բոլոր անդամների ոստայնները։ Նրանք իրարից բաժանված էին մոտ երկու ոտնաչափ տարածությամբ, բայց բոլորը միացած էին որոշ ընդհանուր գծերով, որոնք բավականին երկար էին և տարածվում էին դեպի համայնքի բոլոր մասերը։ Այս ձևով մի քանի մեծ թփերի գագաթները շրջապատված էին միացած ոստայններով։ Ազարան[22] նկարագրել է Պարագվայում ապրող մի համայնակյաց սարդի, որն ըստ Ուոլկների պետք է Theridion լինի, բայց հավանորեն այդ Epeira է և գուցե նույն իմ ասած տեսակը։ Չեմ կարող մտաբերել, թե արդյոք տեսե՞լ եմ մի կենտրոնական բուն, որն ունենար գլխարկի մեծություն, և որի մեջ աշնանը, երբ մեռնում են սարդերը, ըստ Ազարայի ձու է դրված լինում։ Որովհետև իմ տեսած բոլոր սարդերն էլ միևնույն մեծության էին, ուստի նրանք պետք է միևնույն տարիքին լինեին։ Միջատների մեջ այս համայնակեցական սովորությունն այնպիսի մի սեռի մեջ, ինչպես Epeira-ներն են, որոնք այնքան արյունախում են և մենակյաց, որ մինչև անգամ երկու սեռերը հարձակվում են իրար վրա, խիստ եզակի փաստ է։

Կորդիլերների վեհաշուք հովիտներից մեկում՝ Մենդոսայի մոտ, ես գտա մի ուրիշ սարդ իր եզակի ձևի ոստայնով։ Մի ընդհանուր կենտրոնից ուղղահայաց հարթությամբ ճառագայթի ձևով անցնում էին ուժեղ գծեր, որոնց վրա միջատն ուներ իր կայարանները, բայց այդ գծերից միայն երկուսն էին մազահյուսված, այնպես, որ ոստայնը փոխանակ շրջանակաձև լինելու, ինչպես որ լինում են սովորաբար, բաղկացած էր սեպաձև հատվածներից։ Բոլոր ոստայններն էլ կառուցված էին նույն ձևով։


ԵՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՄԱԼԴՈՆԱԴՈ

Մոնտեվիդեո.— Մալդոնադո.— Ճանապարհորդություն դեպի Ռիո Պոլանկո.— Լասո և բոլաս.— Կաքավներ.— Ծառերի բացակայությունը.— Եղջերու.— Կապիբարա կամ ջրախոզ.— Տուկուտուկո.— Մոլոթրուս (Molothrus), նրա կկվային սովորությունները.— Բռնակալ ճանճորս.— Ծաղրածու թռչուն.— Գիշակեր բազեներ.— Կայծակից առաջացած խողովակներ.— Կայծակնահար տուն։


Հուլիսի 5, 1832.— Առավոտյան ճանապարհ ընկանք և թողինք Ռիո դե Ժանեյրոյի հոյակապ նավահանգիստը։ Մինչև Լա Պլատա ընկած մեր ճանապարհի վրա ոչ մի առանձին ուշադրության արժանի բան չտեսանք. միայն մի անգամ մեզ պատահեց մի քանի հարյուր դելֆիններից բաղկացած երամ։ Ամբողջ ծովը տեղ-տեղ ակոսված էր նրանցով, և ծովի մակերեսին բացվել էր մի չափազանց արտասովոր տեսարան։ Այդ հարյուրավոր կենդանիները կտրելով ալիքները՝ ընթանում էին միասին և այնքան բարձը թռչում, որ ամբողջ մարմնով դուրս էին գալիս ջրից։ Երբ նավը մի ժամում գնում էր իննը նավային մղոն,[23] այս կենդանիները մեծ դյուրությամբ կտրում անցնում էին նավի ցռուկի առջևից, ետ դառնում և ապա իսկույն անհետանում։ Երբ մենք մտանք Պլատայի էստուարը (գետաբերան), եղանակը չափազանց փոփոխական էր։ Մի մութ գիշեր մենք շրջապատված էինք բազմաթիվ փոկերով և պինգվիններով, որոնք այնպիսի տարօրինակ ձայներ էին հանում, որ հերթապահ սպան զեկուցեց, թև արդեն ափից լսվում է խոշոր եղջերավոր անասունների բառաչը։ Հաջորդ գիշերը մենք ականատես եղանք բնական հրախաղի մի սքանչելի տեսարանի. կայմի ծայրը և առագաստափայտերի ծայրերը փայլում էին սուրբ Էլմայի լուսով, և գրեթե հնարավոր էր հողմացույցի ուրվագիծը որոշել։ Թվում էր, թե այն օծված էր ֆոսֆորով։ Ծովն այն աստիճան լուսավորված էր, որ պինգվինների հետքերը նշմարվում էին կրակոտ երիզների ձևով, և երկնքի մթությունը երբեմն լուսավորվում էր կայծակի ամենաշլացուցիչ պայծառությամբ։

Երբ մտանք գետաբերանը, ես հետաքրքրությամբ դիտում էի դանդաղ կերպով իրար խառնվող ծովի և գետի ջրերը։ Գետի պղտոր և գունատված ջուրը, շնորհիվ իր փոքր տեսակարար կշռին, հոսում էր ծովի ջրի վրայով։ Այս բանը շատ հետաքրքրական կերպով երևում էր նավի առաջացրած հետքերում, որտեղ պարզ նկատվում էր, թե ինչպես փոքրիկ պտույտներով ջրի մի կապույտ շերտը խառնվում է շրջապատող պղտոր ջրի հետ։

Հուլիսի 26.— Խարիսխ ձգեցինք Մոնտեվիդեոյում։ Հաջորդ երկու տարին «Բիգլ»-ի արշավախումբն զբաղված էր Ամերիկայի ծայրագույն հարավի և Պլատայից հարավ ընկած արևելյան ափերի քարտեզահանումով։ Ավելորդ կրկնություններից խույս տալու համար օրագրությունիցս դուրս եմ գցում միևնույն տեղերին վերաբերող մասերը՝ միշտ չպահպանելով մեր այցելությունների կարգը։

Մալդոնադոն տեղավորված է Պլատայի հյուսիսային ափին, էստուարից ոչ շատ հեռու։ Այդ մի փոքրիկ, խաղաղ և մոռացված քաղաք է։ Նրա փողոցները, ինչպես նաև սովորաբար այս երկրների բոլոր քաղաքների փողոցները՝ իրար հետ կազմում են ուղիղ անկյուն, իսկ կենտրոնում գտնվում է մեծ հրապարակը, որի մեծությունն ավելի նկատելի է դարձնում բնակչության սակավությունը։ Առևտուր գրեթե չկա, արտահանությունը սահմանափակված է մի քանի մորթիներով և խոշոր եղջերավոր անասուններով։ Բնակիչները գլխավորապես հողատերեր են, կան նաև մի քանի խանութպաններ և անհրաժեշտ արհեստավորներ՝ դարբիններ և հյուսներ, որոնք բավարարում են մինչև հիսուն մղոնի վրա գտնվող ամբողջ բնակչության պահանջը։ Քաղաքը գետից բաժանվում է ավազային բլրակների մի գոտով, որը մոտավորապես ունի մեկ մղոն լայնություն։ Մյուս բոլոր կողմերից նա շրջապատված է մի բաց, թույլ ալիքավոր դաշտով, որը միօրինակ կերպով ծածկված է գեղեցիկ կանաչ գորգով։ Այդ կանաչ դաշտերում արածում են ոչխարների, խոշոր եղջերավոր անասունների և ձիերի անհաշիվ երամակներ։ Մինչև անգամ քաղաքին մոտիկ տեղերում հողը մեծ մասամբ անմշակ է։ Մի քանի ցանկապատ, կազմված կակտուսից կամ ագավից, նշում են ցորենով կամ եգիպտացորենով ցանված արտի տեղը։ Պլատայի ամբողջ հյուսիսային ափի երկայնքով ընկած տարածությունը ներկայացնում է մի կատարյալ նույնօրինակ պատկեր. միակ տարբերությունն այն է, որ այստեղ գրանիտային բլուրները քիչ ավելի մեծ են։ Այստեղ տեսարանն ընդհանրապես շատ անհետաքրքրական է. վայրին կենդանություն տվող բաները, օրինակ՝ տունը, շրջափակված տարածությունները կամ ծառերը չափազանց սակավ են։ Բայց երկար ժամանակ նավում փակված մնալուց հետո մարդ առանձին հաճույք է զգում, երբ քայլում է կանաչ խոտի անծայր հարթավայրով։ Բացի դրանից, եթե մեկի դիտողությունը սահմանափակված է մի փոքրիկ տարածությամբ, գեղեցիկ բաներ միշտ կարելի է գտնել։ Փոքրիկ թռչուններից մի քանիսն ունեն չափազանց պայծառ գույն, և մարգագետնի թարմ կանաչ խոտ, որը կարճացել էր կենդանիների արածելուց, զարդարվել էր փոքրիկ ծաղիկներով, որոնց մեջ ես պատահեցի, ինչպես մի հին բարեկամի, մի ծաղկի, որը նման էր մարգարտածաղկի։ Իսկ ի՞նչ կասեր ծաղիկների սիրահար մի անձնավորություն այն ամբողջ տարածությունների մասին, որոնք այնպես խիտ են ծածկված Verbena melindres-ով, որ մինչև անգամ հեռվից երևում են ամենապճնազարդ գույներով։

Ես Մալդոնադոյում մնացի տասը շաբաթ և այդ ժամանակամիջոցում կազմեցի կենդանիների, թռչունների և սողունների մոտավորապես մի լրիվ կոլեկցիա։ Նախքան սրանց վերաբերյալ որևէ դիտողություն անելը ես պատմելու եմ մինչև Պոլանկո գետը կատարած իմ էքսկուրսիայի մասին, որը ձգվում էր յոթանասուն մղոն հեռավորության վրա, դեպի հյուսիս։ Որպես ապացույց, այս երկրի էժանության վերաբերյալ բերելու եմ մի օրինակ. երկու ուղեկիցներին օրական վճարում էի երկու դոլլար կամ ութ շիլինգ, ներառյալ նաև մեկ դյուժին հեծնելու ձիերի վարձը։ Այդ ընկերակիցներս զինված էին ատրճանակներով և թրերով, մի նախազգուշություն, որ ես համարում էի ոչ անհրաժեշտ, բայց մեր լսած առաջին նորությունն այն եղավ, որ նախորդ օրը Մոնտեվիդեոյից դուրս եկած մի ճանապարհորդի գտել էին ճանապարհի վրա մեռած, վիզը կտրած։ Այս բանը պատահել էր ճանապարհին տնկած մի խաչի մոտ, այսինքն այնտեղ, որտեղ տեղի էր ունեցել մի այլ մարդասպանություն։

Առաջին գիշերն անցկացրինք մի գյուղական փոքրիկ, մեկուսացած տնակում, և այնտեղ շուտով պարզվեց, որ ես ունեմ երկու կամ երեք ապշեցուցիչ իրեր — մասնավորապես գրպանի մի կողմնացույց, որն առաջացրել էր անսահման զարմանք։ Յուրաքանչյուր տանը խնդրում էին ինձ ցույց տալ կողմնացույցը և բացատրել, թե նրա և քարտեզի օգնությամբ ինչպես էի որոշում զանազան տեղերի ուղղությունները։ Նրանց հատկապես զարմացնում էր այն, որ ես լինելով այդ երկրին բոլորովին անծանոթ մարդ, այդպես լավ իմանում էի որոնել ճանապարհները (որովհետև այս լայնատարած երկրում Ճանապարհ և ուղղություն բառերը հոմանիշ են) այն տեղերի, որ ես երբեք չէի գնացել։ Մի տնակում մի երիտասարդ կին, որը հիվանդ պառկած էր անկողնում, ինձ տեղեկություն էր ուղարկել՝ խնդրելով գնալ իր մոտ և ցույց տալ իրեն կողմնացույցը։ Եթե նրանց զարմանքը մեծ էր, իմս ավելի մեծ էր՝ տեսնելով այս աստիճանի տգիտություն մի ժողովրդի մոտ, որը տեր էր հազարավոր խոշոր եղջերավոր անասունների և լայնատարած արոտատեղերի։ Այդ կարելի է բացատրել նրանով, որ այս մեկուսացած երկիրը շատ քիչ օտարականներ են այցելում։ Ինձ հարցնում էին, թե արդյոք արևն է շարժվում, թե՞ երկիրը, դեպի հյուսիս տաքանում է, թե՞ ցրտում, որտեղ է գտնվում Սպանիան և այսպիսի ուրիշ բազմաթիվ հարցեր։ Այդ տեղի բնակչության մեծ մասը կարծում է, որ Անգլիան, Հյուսիսային Ամերիկան և Լոնդոնը միևնույն տեղին վերարեբող տարբեր անուններ են, բայց համեմատաբար զարգացած մարդիկ շատ լավ գիտեին, որ Լոնդոնը և Հյուսիսային Ամերիկան իրար մոտիկ առանձին երկրնե՜ր են և, որ Անգլիան մի մեծ քաղա՜ք է Լոնդոնում։ Ինձ մոտ ունեի մի քանի հատ պրոմեթեյան լուցկիներ, որ վառում էի կծելով. այնքան զարմանալի էր թվում նրանց ատամներն իրար զարնելով կրակ առաջացնելը, որ երբ լուցկի էի վառում, սովորաբար ամբողջ ընտանիքը հավաքվում էր այդ գործողությունը տեսնելու համար։ Մի անգամ մեկն ինձ այդպիսի մի լուցկու համար առաջարկեց մի դոլլար։ Առավոտները երեսս լվանալը Լաս Մինաս գյուղում առաջացրել էր բազմաթիվ մեկնաբանություններ։ Մի հարևան վաճառական իմ այս աստիճանի տարօրինակ սովորությունների վերաբերյալ ինձ ենթարկեց մանրամասն հարցաքննության. բացի այդ, նա հարցրեց նաև, թե ինչո՞ւ մենք նավում չենք սափրվում, որովհետև լսել էր իմ ուղեկցից, որ մենք նավում մորուք ենք թողնում։ Նա ընդհանրապես ինձ վրա նայում էր մեծ կասկածանքով. թերևս նա լսել էր մահմեդականների լվացվելու սովորությունների մասին, և ինձ համարում էր մի հերետիկոս. հավանորեն նա այն եզրակացության եկավ, որ բոլոր հերետիկոսները պետք է թուրքեր լինեին։

Այդ տեղերում ընդհանուր սովորությունն է գիշերելու համար դիմել առաջին հարմար տանը։ Իմ կողմնացույցի վրա զարմանալը և իմ մյուս ձեռնածվական ճարպկությունները որոշ չափով ինձ համար շահավետ էին. դրանց պետք է ավելացնել, այն զարմանալի բաները, որ իմ առաջնորդը պատմել էր նրանց, օրինակ, քարեր ջարդելը, թունավոր և անվնաս օձերն իրարից տարբերելը, միջատներ հավաքելը և այլն։ Ես միշտ վճարում էի նրան բոլոր հյուրասիրությունների համար։ Ես այնպես եմ գրում, որ կարծեք թե եղել եմ Կենտրոնական Աֆրիկայի բնակչության մեջ։ Գուցե Բանդա Օրիենտալի բնակիչներին դուր չգա իմ այս համեմատությունը, բայց այդպես էր իմ տպավորությունն այն ժամանակ։

Հաջորդ օրը մեկնեցինք Լաս Մինաս գյուղը։ Այստեղ դաշտերը համեմատաբար ավելի բլրաշատ են, իսկ այլ կողմերով միևնույն երկրի շարունակությունն է։ Անկասկած, եթե այդ պամպասների բնակիչներին հարցնեիք վայրի մասին, կասեին, որ լեռնային է։ Այդ երկրում բնակչությունն այնքան նոսր է, որ ամբողջ օրվա ընթացքում հազիվ մի մարդու հանդիպեինք։ Լաս Մինասը մինչև անգամ շատ ավելի փոքր է, քան Մալդոնադոն։ Նա տեղավորված է մի հարթավայրում և շրջապատված ժայռոտ ցածր լեռներով։ Նա ունի սովորական սիմետրիկ ձև և իր կենտրոնում գտնվող սպիտակացրած եկեղեցու հետ ուներ բավականին գեղեցիկ տեսք։ Այդ հարթավայրի վրա բարձրացող ծայրամասերի տները շատ անհրապույր և ամայի տեսք ունեին, առանց բակի և պարտեզների։ Ընդհանրապես այստեղ գյուղերի ընդհանուր պատկերն այդ է, և հետևաբար բոլոր տներն ունեն անհրապույր տեսք։ Գիշերելու համար իջանք մի պուլպերիա (գինետուն)։ Երեկոյան պուլպերիա այցելեցին բազմաթիվ գուաչոսներ՝ ոգելից խմիչքներ խմելու և ծխելու համար։ Նրանց տեսքը չափազանց տպավորիչ է. ընդհանրապես բարձրահասակ են և գեղեցիկ, բայց ունեն դեմքի հպարտ և անզուսպ արտահայտություն։ Շատերը պահում են բեղեր և երկար սև մազեր, որոնք գանգուրներով փռվում են նրանց ուսերին։ Իրենց գեղեցիկ, պայծառ հագուստներով, կրունկների շուրջը կապած խթաններով, մեջքից կախած նիզականման դանակներով (որը հաճախ ծառայում է որպես նիզակ) նրանք բոլորովին հեռու էին այն տպավորությունից, որն սպասվում էր նրանց գաուչոս կամ սոսկ գյուղացի կոչումից։ Նրանց քաղաքավարությունը հասնում է ծայրահեղության. նրանք երբեք չեն խմում գինի կամ այլ խմիչք, մինչև միքանի անգամ չխնդրեն ձեզ մասնակցելու իրենց խմիչքին կամ գոնե մի բաժակ ճաշակելու։ Թեև այդ աստիճանի խոնարհ և քաղաքավարի են, բայց եթե առիթը ներկայանա, նրանք նույն չափով պատրաստ են քո վիզը կտրելու։ Երրորդ օրը գնում էինք մի անկանոն ուղղությամբ, որովհետև ես զբաղված էի մարմարի մի քանի շերտերի ուսումնասիրությամբ։ Կանաչ խոտի գեղեցիկ հարթավայրերի վրա տեսանք բազմաթիվ ջայլամներ (struthio rhea)։ Այդ երամներից շատերը կազմված էին քսանից երեսուն թռչուններից։ Երբ սրանք կանգնում էին մի փոքրիկ բարձրության վրա, մի սքանչելի տեսք էին ստանում երկնքի վճիտ կապույտ ֆոնի վրա։ Ես այլևս երբե՛ք ոչ մի տեղ չհանդիպեցի այսպես հանգիստ ջայլամների։ Շատ հեշտ էր ձիով քառատրոփ նրանց մոտենալ, բայց նրանք այդ ժամանակ պարզում էին իրենց թևերը և արագ վազում քամու առաջ և շուտով ձիերին թողնում հետևը։

Գիշերը եկանք դոն Խուան Ֆուենտեսի տունը. սա մի հարուստ հողատեր էր, բայց մեր խմբից ոչ մեկը նրան չէր ճանաչում անհատապես։ Մի բոլորովին օտար մարդու տանը մոտենալիս սովորաբար կատարվում են քաղաքավարության որոշ ձևականություններ։ Դանդաղ կերպով մինչև դուռը ձիով գնալուց հետո անհրաժեշտ է ամենից առաջ տնեցիներին ողջունել „Ave Maria” (Ողջույն, Մարիամ) բառերով, և մինչև որևէ մեկը չգա և չհրավիրի ներս, անհարմար է համարվում մինչև անգամ ձիերից իջնել։ Տանտիրոջ ձևական պատասխանը լինում է „Sin pecado consebida”, որ նշանակում է բեղմնավորվում է առանց մեղքի։ Տուն մտնելուց հետո տեղի է ունենում մի քանի րոպեով ընդհանուր խոսակցություն, մինչև թույլտվություն է խնդրվում գիշերն իրենց տանն անցկացնելու համար, և պատասխանն, իհարկե, ըստ սովորության, միշտ դրական էր լինում։ Օտարական հյուրն արդեն ճաշում է ընտանիքի հետ, մի ընդհանուր սեղանից, և նրան տալիս են մի սենյակ, որտեղ նա ձիու ծածկոցով, որը պատկանում է իր recado-յին, այսինքն պամպասների թամբին, պատրաստում է իր անկողինը։ Հետաքրքրական է, թե ի՛նչպես միևնույն պայմաններն առաջացնում են նման սովորություններ։ Բարեհուսո հրվանդանում համատարած կերպով կարելի է նկատել միևնույն կենցաղավարական սովորությունները և միևնույն հյուրասիրությունը։ Սպանացու և հոլանդացի գաղթականի բնավորությունների միջև եղած տարբերությունն այն է, որ առաջինը քաղաքավարության ամենախստապահանջ սահմաններից դուրս հարցեր երբեք չի տալիս հյուրին, մինչ ուղղամիտ հոլանդացին հարցնում է, թե ո՞րտեղ է եղել նա, ո՞րտեղից է գալիս, ո՞ւր է գնում, ի՞նչ է իր զբաղմունքը, և մինչև անգամ հարցնում է, թե քանի՞ եղբայր, քույր կամ երեխաներ նա ունի։

Մեր ժամանելուց անմիջապես հետո խոշոր եղջերավոր անասունների մի մեծ հոտ քշում էին դեպի տուն։ Այդ հոտից երեք անասուն ընտրեցին մորթելու, տնտեսության կարիքների համար։ Այս կիսավայրի կենդանիները շատ աշխուժ են, և լավ ծանոթ լինելով մահաբեր լասոյին (արկան) խիստ տանջեցին ձիերին՝ վազեցնելով նրանց իրենց հետևից։ Այս անասուններից, ձիերից, մարդկանցից կազմված կոպիտ հարստությանն ականատես լինելուց հետո խիստ հետաքրքրական էր դառնում Դոն Խուանի ողորմելի բնակարանը։ Հատակը պատրաստված էր ամրացված կավից, իսկ պատուհաններն ապակի չունեին, ընդունարանը պարծենում էր միայն իր մի քանի կոշտ ու կոպիտ թիկնաթոռներով, աթոռներով և երկու սեղանով։

Չնայած մի քանի օտար մարդկանց ներկայության՝ ընթրիքը բաղկացած էր մսի երկու ահռելի կույտերից — մեկը խորոված, մյուսը խաշած, որի հետ կային նաև դդումի կտորներ։ Բացի դդումից, ուրիշ ոչ մի բուսական բան չկար, չկար նաև ոչ մի պատառ հաց։ Խմելու համար ամբողջ խումբն ուներ միայն մի մեծ կուժ ջուր։ Չնայած այս բոլորին, այս մարդն ուներ մի քանի քառակուսի մղոն կալվածք, որի ամեն մի ակրի վրա կարելի էր բուսցնել և աճեցնել հացահատիկ և մի փոքր դժվարությամբ բոլոր տեսակի գործածական բանջարեղեն։ Երեկոն անցնում էր ծխելով, երգելով մի չնախապատրաստած երգ, որին ընկերակցում էր գիթառը։ Սինյորիտները (կանայք) բոլորը միասին նստում էին սենյակի մի անկյունում և չէին ընթրում տղամարդկանց հետ։

Այնքան շատ գրքեր են գրվել այս երկրների մասին, որ գրեթե ավելորդ է լասոյի (արկան) և բոլասի (bolas) նկարագրությունը։ Լասոն բաղկացած է մի շատ ամուր և բարակ, լավ հյուսված պարանից, որ պատրաստում են հում կաշուց։ Նրա մի ծայրը միացրած է լինում թամբի լայն վերնափոկին, որն իրար է միացնում ռեկադոյի (պամպասներում գործածվող թամբ) բարդ հագուստը. մյուս ծայրը վերջանում է երկաթե կամ պղնձե մի փոքրիկ օղակով, որի միջոցով խեղդկապ են պատրաստում։ Գաուչոն՝ լասոն գործածել ցանկանալիս, մի ձեռքում, որով բռնում է երասանները, պահում է մի փոքրիկ կծիկ, իսկ մյուսում՝ բռնում խեղդկապը, որը բավականին մեծ է լինում, նա սովորաբար ունենում է ութ ոտնաչափ տրամագիծ։ Նա այս մեծ օղակը պտտեցնում է իր գլխի շուրջը և բազկի ճարպիկ շարժումով բաց է պահում այն, և ապա նետում իր ցանկացած որևէ տեղի վրա։ Երբ այլևս չեն գործածում լասոն, կապում են թամբի վերնափոկի հետևի մասին։ Բոլասը կամ գնդակները լինում են երկու ձևի։ Պարզ տեսակը, որ սովորաբար գործածում են ջայլամ բռնելու համար, բաղկացած է երկու կլոր ծայրերից՝ կաշվով պատած և մոտավորապես ութ ոտնաչափ երկարությամբ հյուսված բարակ փոկով իրար հետ միացրած։ Մյուս տեսակը միայն նրանով է տարբերվում, որ երկու գնդակի տեղ ունի երեքը, որոնք իրար են միացված մի ընդհանուր կենտրոնով։ Գասւչոն այս գնդակներից ամենափոքրը պահում է ձեռքում, իսկ մյուս երկուսն արագ պտտեցնում գլխի շուրջը։ Հետո նշան բռնելով՝ նետում է դեպի իր նշանը. օդում այս գնդակները պտույտներ են կատարում և հենց որ դիպչում են որևէ բանի, խաչաձևում են իրար և ուժեղ ագուցվում։ Այս գնդակների մեծությունը և քաշը տարբեր է լինում, նայած թե ինչ նպարակների համար են գործածում նրանց։ Երբ նրանք լինում են մի խնձորի մեծության քարերից, այնպիսի ուժով են նետում, որ երբեմն կոտրում են մինչև անգամ ձիու ոտը։ Ես տեսել եմ փայտե գնդակներ, որոնք եղել են բողկի մեծության։ Երբեմն նրա համար են փայտից շինում, որ կենդանիներին բռնելիս նրանց չվնասեն։ Գնդակները երբեմն շինում են երկաթից, և սրանց կարելի է նետել բավականին հեռու։ Լասո կամ բոլաս գործածելու գլխավոր դժվարությունը այն է, որ գործածողը շատ վարժ ձի հեծնող պիտի լինի, որպեսզի հանկարծակի դարձի ժամանակ կարողանա արագ պտտեցնել այն իր գլխի շուրջը և նշան բռնել։ Ոտքով քայլող որևէ մարդ շատ հեշտությամբ կարող է սովորել նրա գործածությանը։ Մի անգամ, երբ ես զվարճանում էի, ձին քառասմբակ վազեցնելով և գնդակները գլխիս շուրջը պտտեցնելով, պատահմամբ ազատ գնդակը դիպավ մացառի. նրա պտտումն ու շարժումն այսպես ոչնչանալով՝ անմիջապես ընկավ գետին և փաթաթվեց ձիուս հետևի ոտքերից մեկին. մյուս գնդակը դուրս նետվեց ձեռքիցս, և ձին բռնվեց։ Բարեբախտաբար նա մի հին, փորձված կենդանի էր և շատ լավ էր հասկանում, թե ինչ է նշանակում այդ, այլապես նա կխրտներ և այնքան աքացի կտար, մինչև գետին գլորվեր։ Գաուչոները ծիծաղում էին բարձրաձայն. նրանք բղավում էին, թե իրենք ամեն տեսակ կենդանի տեսել են բռնվելիս, բայց երբեք չեն տեսել, որ մարդն ինքն իրեն բռնի։

Հաջորդ երկու օրում ես հասա մինչև այն ամենահեռավոր կետը, որ ես ուզում էի ուսումնասիրել։ Ամեն տեղ գետինը նույն տեսքն ուներ. վերջապես ընտիր կանաչ խոտն ավելի ձանձրալի դարձավ, քան մի փոշոտ խորտուբորտ ճանապարհ։ Ամեն տեղ տեսնում էինք բագմաթիվ կաքավներ (Nothura major)։ Այս թռչունները երամներով չէին գնում և ոչ էլ թաքնվում անգլիական տեսակի նման։ Չափազանց տխմար թռչուններ են սրանք։ Եթե մի մարդ կլոր շրջանակի կամ պարուրի ձևով ձիով անընդհատ պտույտ տա այնպես, որ յուրաքանչյուր անգամ ավելի մոտենա նրանց, նա կարող է իր ցանկացած չափով կաքավի հարվածել գլխից։ Սովորաբար նրանց բռնում են խեղդկապով կամ փոքրիկ լասոյով, որ պատրաստում են ջայլամի փետուրի կոթից և կապում են մի երկար փայտի ծայրին։ Հանգիստ ձիու վրա հեծած մի տղա կարող է հեշտությամբ օրական երեսուն կամ քառասուն կաքավ բռնել։ Հյուսիսային Ամերիկայի արկտիկ բևեռային գոտում[24] հնդիկները նապաստակը բռնում են նույն միջոցով՝ կատարելով պարուրաձև պտույտներ. որսի համար ամենալավ ժամանակը կեսօրն է, երբ արևը բարձր է, և որսորդի ստվերն էլ կարճ։

Մալդոնադո վերադառնալիս մենք ուրիշ ճանապարհով եկանք։ Պան դե Ասուկարի մոտ մի տեղ, որը լավ հայտնի է բոլոր Պլատայով նավարկողներին, մեկ օր ես մնացի մի չափազանց հյուրընկալ ծեր սպանացու մոտ։ Վաղ առավոտյան բարձրացանք Սիերա դե լաս Անիմաս։ Բարձրացող արևի լույսի տակ տեսարանը գեղատեսիլ էր։ Դեպի արևմուտք տեսարանը շարունակվում էր մի մեծ հարթ տարածության վրա, որը հասնում էր մինչև Մոնտեվիդեոյի մոտ գտնվող սարերը, իսկ դեպի արևելք տարածվում էր մինչև Մալդոնադոյի բլրաշատ դաշտերը։ Սարի կատարին կային քարերի մի քանի կույտեր, որոնք, ըստ երևույթին, կուտակել էին տարիներ առաջ։ Իմ ուղեկիցն ինձ հավատացնում էր, որ դրանք հին ժամանակներում հնդիկներն էին հավաքել։ Այդ կույտերը շատ նման էին Ուելսի սարերի գագաթներին հաճախ պատահող կույտերին, միայն թե սրանք անհամեմատ ավելի փոքր էին։ Թվում է, թե մարդու համար ընդհանուր է որևէ դեպքի առթիվ մոտակա սարի ամենաբարձր կետից սիգնալ տալու ցանկությունը։ Այժմ ոչ մի հնդիկ, քաղաքակրթված կամ վայրենի, գոյություն չունի շրջանի այս մասում, և ոչ էլ ինձ հայտնի է, թե արդյոք այդ նախկին բնակիչները, բացի Սիերա դե լաս Անիմասի աննշան քարակույտերից, ուրիշ որևէ մնայուն բան թողե՞լ են։

Ծառերի ընդհանուր և գրեթե ամբողջովին բացակայությունն աչքի է զարնում Բանդա Օրիենտալում։ Ժայռոտ բլուրներից մի քանիսը մասամբ ծածկված են մացառներով, և մեծ հոսանքների ափերին, մասնավորապես Լաս Մինասի հյուսիսում սովորաբար ուռենու ծառեր են լինում։ Արոիո Տապեսի մոտ, ասում էին, արմավենու անտառ կա. և այս ծառերից մեկը տեսա Պան դե Ասուկարի մստէ 35° լայնության վրա։ Այդ ծառը բավականին մեծ էր։ Այս ծառերից և սպանացիների տնկածներից բացի այդ երկրում գրեթե ուրիշ անտառներ չկան։ Ներմուծված և աճեցրած ծառերից կարելի է թվել բարտենին, ձիթենին, դեղձը և մի շարք ուրիշ պտղատու ծառեր։ Դեղձենին այնքան լավ է աճում, որ Բուենոս Այրես քաղաքի վառելափայտի գլխավոր մասը սա է կազմում։ Չափազանց հարթ երկրներում, ինչպես պամպասն է, ծառերի աճման համար նպաստավոր պայմաններ շատ քիչ են լինում։ Այս կարելի է հավանորեն վերագրել կամ քամիների ուժին, կամ հողի արագ չորացումին։ Սակայն Մալդոնադոյի շրջակայքում, ըստ երևույթին, այս պայմանները գոյություն չունեն, որովհետև ժայռոտ լեռների միջև ընկած են տարածություններ, որոնք ունեն տարբեր հողեր և պաշտպանվում են քամուց. բացի այդ, գրեթե բոլոր հովիտների հատակից հոսում են վտակներ, իսկ հողի կավային բնույթը պաշտպանում է գետինն արագ չորացումից։ Կարծում են, և այդ շատ հավանական է, որ անտառների աճումն ընդհանրապես կախված է ամբողջ տարվա տեղացող խոնավության քանակից,[25] իսկ այս շրջանում ձմեռը տեղում է հորդառատ անձրև, իսկ ամառը թեև չորային է, բայց երբեք չափազանցության չի հասնում։[26] Մեզ հայտնի է, որ ամբողջ Ավստրալիան ծածկված է բարձր ծառերով, մինչդեռ Ավստրալիան շատ ավելի չոր կլիմա ունի, քան այդ երկիրը։ Այս բոլորից հետևում է, որ այստեղի անտառազրկության համար ուրիշ մի անծանոթ պատճառ կա։

Դատելով Հարավային Ամերիկայի այս դրությունից՝ ակամա գալիս ենք այն համոզման, որ ծառերը կարող են աճել միայն շատ խոնավ կլիմա ունեցող երկրներում, որովհետև այստեղ անտառային գոտու սահմանը խիստ կերպով համընկնում է խոնավ քամիների տարածման ուղղությանը։ Այդ ցամաքամասի հարավային մասում, որտեղ տիրապետում են Խաղաղ օվկիանոսից փչող խոնավ քամիները 38° լայնությունից մինչև Հրո Երկրի ամենահարավային ծայրը, արևմտյան ափի մոտ գտնված յուրաքանչյուր կղզի ծածկված է խիտ, անթափանց անտառներով։ Կորդիլյերների արևելյան կողմում, միևնույն լայնության վրա, որտեղ կապույտ երկինքը և տաք ու անփոփոխ կլիման ապացուցում են, որ օդը բարձր լեռների գագաթների վրայով անցնելու պատճառով կորցրել է արևմուտքից բերած խոնավությունը, Պատագոնիայի չոր դաշտերի բուսականությունը չափազանց աղքատ է։ Ավելի հյուսիսում շարունակ փչող հարավ-արևելյան պասատների սահմաններում արևելյան կողմը ծածկված է շքեղ անտառներով, իսկ արևմտյան ափը՝ 4° հարավային լայնությունից մինչև 32° հարավային լայնությունը, ներկայացնում է մի կատարյալ անապատ։

Այս նույն արևմտյան ափում, 4° հարավային լայնությունից հյուսիս, որտեղ պասատները կորցնում են իրենց կանոնավոր գործունեությունը և պարբերաբար տեղի են ունենում հորդառատ անձրևներ, Խաղաղ օվկիանի ափերը, որոնք Պերուում ամբողջովին դառնում են անապատներ, Բլանկո հրվանդանի մոտ ծածկված են փարթամ բուսականությամբ, որն աչքի է զարնում Գվայակիլում և Պանամայում։ Այսպիսով, այդ աշխարհամասի հյուսիսային և հարավային մասերում անտառները և չոր անապատային տեղերը Կորդիլյերների նկատմամբ հակադարձ դիրք ունեն, և այդ դիրքերն առերևույթ որոշվում են ընդհանուր քամու ուղղությունով։ Այս մայր ցամաքի միջին մասում կա մի լայն միջանկյալ գոտի՝ ներառյալ կենտրոնական Չիլին և Լա Պլատայի շրջանը, որտեղ անձրևաբեր քամիները չեն անցնում բարձր լեռների վրայով, և որտեղ երկիրը ոչ անապատ է և ոչ էլ ծածկված անտառներով։ Բայց եթե նույնիսկ Հարավային Ամերիկայի համար կարելի է որպես օրենք ընդունել, որ ծառերն աճում են միայն այնպիսի կլիմայում, որտեղ անձրևաբեր քամիները բերում են խոնավություն, դարձյալ հանդիպում ենք նշանավոր բացառությունների, օրինակ՝ Ֆալկլանդական կղզիները։ Այս կղզիները, որոնք Հրո Երկրի հետ գտնվում են միևնույն լայնություններում, և միայն երկու կամ երեք հարյուր մղոն են հեռու, ունեն նույնօրինակ կլիմա, գրեթե նույն երկրաբանական կազմությունը, նպաստավոր դիրք և միևնույն տեսակի տորֆային հող, բայց միևնույն ժամանակ այդ կղզիներում հազիվ թե այնպիսի ծառեր լինեն, որ կարողանան թփուտ կոչվել, մինչդեռ Հրո Երկրում չկա մի ակր տարածություն, որ ծածկված չլինի ամենախիտ անտառներով։ Այստեղ և՛ քամու, և՛ ծովի հոսանքի ուղղությունը նպաստում են Հրո Երկրից դեպի Ֆալկլանդական կղզիները սերմեր փոխադրելու գործին։ Օրինակ՝ այդ երկրից Ֆալկլանդիայի արևմտյան ափերն են քշվում բերվում բազմաթիվ ծառերի բներ և նավակներ։ Ուստի կարող է պատահել, որ մի շարք բույսեր ընդհանուր են երկու երկրների համար, բայց ինչ վերաբերում է Հրո Երկրի ծառերին, մինչև անգամ այդ ծառերն արհեստականորեն Ֆալկլանդական կղզիներում տնկելու փորձերն անհաջող են անցել։

Մալդոնադոյում գտնվելու ժամանակամիջոցում ես հավաքեցի մի շարք չորքոտանի կենդանիներ, ութ տեսակի թռչուն և բազմաթիվ սողուններ, ներառյալ օձերի իննը տեսակ։ Տեղական կաթնասուններից միակ մնացած կենդանին, որը բավականին տարածված է, մի եղջերու է (Cervus Campestris)։ Այս կենդանին խիստ տարածված է Պլատայի և Հյուսիսային Պատագոնիայի սահմանամերձ երկրներում ամենուրեք և սրանք հաճախ լինում են փոքր խմբերով։ Եթե մի մարդ գետնի վրայով սողալով դանդաղորեն առաջանա դեպի նրանց հոտը, եղջերուն հետաքրքրությունից տարված, հաճախ մոտիկանում է նրան դիտելու համար։ Այս ձևով ես երեք եղջերու եմ սպանել միևնույն վայրում և միևնույն երամից։ Թեև այդքան հետաքրքրվող են և հեզ, բայց երբ փորձում են նրանց մոտենալ ձիով, նրանք չափազանց զգուշ են դառնում։ Այս երկրում ոչ ոք ոտքով հեռու չի գնում, և եղջերուն մարդուն որպես թշնամի ճանաչում է, երբ նա ձի է հեծած և զինված է բոլասով։ Բահիա Բլանկայում, որը մի նոր գաղութ է հյուսիսային Պատագոնիայում, ես զարմացել էի տեսնելով, թև ինչպես եղջերուները համարյա թե ուշադրություն չէին դարձնում հրացանի ձայնին։ Մի օր ութսուն կանգուն հեռավորությունից տասն անգամ կրակեցի մի եղջերվի վրա, և նա ավելի շատ խրտնում էր գնդակը գետին ընկնելու ժամանակ, քան հրացանի ձայնից։ Իմ վառոդն սպառված լինելով՝ ստիպված վեր կացա (թեև պետք է ասել, որ այդ փոքր ամոթ չէր մի որսորդի համար, որը կարող էր թռչուններ խփել թռչելիս) և բղավեցի մինչև եղջերուն փախավ, անհետացավ։

Այս կենդանուն վերաբերող ամենահետաքրքրական փաստը նրա արուի արձակած չափազանց ուժեղ և անախորժ հոտն է։ Բոլորովին հնարավոր չէ նկարագրել այդ հոտը։ Նրանց նմուշները քերթելու ժամանակ, որոնք այժմ գտնվում են Կենդանաբանական թանգարանում, մի քանի անգամ սրտախառնվեցի։ Նրա մորթին կապեցի մետաքսյա թաշկինակի մեջ և տարա տուն։ Այս թաշկինակը լավ լվանալ տալուց հետո շարունակ գործածում էի և, իհարկե, միշտ հաճախ նորից լվանում։ Բայց մի ամբողջ տարի և յոթ ամիս շարունակ, լվացած ծալած թաշկինակն առաջին անգամ բանալիս, պարզ զգում էի այդ հոտը։ Այս մի չափազանց զարմանալի օրինակ է մի նյութի տևականության վերաբերյալ, որը սակայն իր էությամբ պետք է լինի նուրբ և ցնդող։ Հաճախ, երբ անցնում էինք այդ երամակներից կես մղոն հեռավորությունից, և քամին էլ փչում էր դեպի մեզ, ես նկատում էի, որ ամբողջ օդը հագեցված է այդ արտահեղությունով։ Ինձ թվում է, թե արու եղջերուից արձակված հոտն ամենից ուժեղ է այն ժամանակ, երբ նրա եղջյուրները կատարյալ են, կամ մորթն ազատ է մազերից։ Այսպիսի ժամանակներում, իհարկե, բոլորովին հնարավոր չէ նրա միսն ուտել։ Բայց գաուչոները հավատացնում են, որ եթե որոշ ժամանակ թարմ հողի մեջ միսը թաղված մնա, այդ հոտը կվերանա։ Ես մի տեղ կարդացել եմ, որ Շոտլանդիայի հյուսիսում գտնվող կղզիների բնակիչները նույն կերպ են վարվում ձուկ ուտող թռչունների հոտող մսի հետ։

thumb

Կրծողների կարգն այստեղ ունի բազմաթիվ տեսակներ. միայն մկներից գտա ոչ պակաս քան ութ տեսակ։[27] Աշխարհի ամենամեծ կրծող կենդանին — ջրախոզը (Hydrochaerus capybara) — նույնպես շատ տարածված է այստեղ։ Նրանցից մեկը, որ ես սպանեցի Մոնտեվիդեոյում, կշռում էր իննսուն ութ ֆունտ։ Նրա երկարությունը քթից մինչև կոճղանման պոչը հասնում էր երեք ոտնաչափ երկու մատնաչափի, իսկ մեջքի լայնքը՝ երեք ոտնաչափ ութ մատնաչափի։ Այս մեծ կրծողները երբեմն պատահում են Պլատայի գետաբերանի կղզիների վրա, որտեղ ջուրը բոլորովին աղի է, իսկ շատ մեծ քանակությամբ լինում են անուշ ջուր ունեցող լճերի և գետերի եզրերին Մալդոնադոյի մոտ սովորաբար երեքը կամ չորսն ապրում են միասին։ Ցերեկը կամ պառկում են ջրային բույսերի մեջ կամ արածում կանաչ խոտի բաց դաշտերում։[28] Հեռվից դիտելիս նրանք իրենց քայլելու ձևով և գույնով նման են խոզերին, իսկ երբ նստում են սրունքների վրա և մի աչքով ուշադիր դիտում որևէ առարկա, նմանվում են իրենց ցեղակիցներ՝ ծովախոզուկի և ճագարների։ Ե՛վ կողքից, և՛ առաջից դիտելիս նրանց գլուխն ունի բավականին տարօրինակ և ծիծաղելի տեսք՝ իրենց շատ խորը ծնոտների պատճառով։ Մալդոնադոյում այս կենդանիները շատ հանդարտ են, զգուշ քայլելով ես այնքան մոտեցա նրանց, որ իմ և չորս մեծ ծովախոզերի միջև հեռավորությունն ընդամենը երեք կամ չորս յարդ (մեկ յարդը 91 սանտիմետր է) էր։ Հավանորեն նրանց այս մարդընտել և հանդարտ տրամադրությունն արդյունք է վերջին տարիներում յագուարների բացակայության և գաուչոների՝ նրանց որսալու նկատմամբ ունեցած անտարբերության։ Երբ ես ավելի մոտեցա, նրանք սկսեցին իրենց յուրահատուկ աղմուկը, որը մի ցածր խռինչ է և չունի իրական ձայնի բնույթ. ավելի շուտ այդ ձայնն առաջանում է օդը հանկարծակի դուրս մղելուց։ Իմ գիտեցած միակ ձայնը, որ կարող է նմանվել սրան, մեծ շների առաջին խռպոտ հաջոցն է։ Մի բազկի երկայնքի հեռավորությամբ մի քանի րոպե այդ չորս կենդանիներին նայելուց հետո (նրանք էլ ինձ էին նայում) հանկարծ չորսն էլ խիստ արագ ջուրը թռան, միևնույն ժամանակ արձակելով իրենց յուրահատուկ հաջոցը։ Մի կարճ տարածության վրա սուզվելուց հետո նորից բարձրացան ջրի երեսը, բայց միայն ցույց էին տալիս իրենց գլխի վերին մասը։ Երբ այս կենդանու էգն է լողում և նա ձագեր ունի, այդ դեպքում, ասում են, ձագերը նստում են նրա կռնակին։ Շատ հեշտությամբ կարելի է սպանել այս կենդանիներից մեծ քանակությամբ, բայց նրանց մորթն այնքան չնչին արժեք ունի և միսն էլ այնքան անպետք, որ նրանց գրեթե չեն որսում։ Ռիո Պարանայի կղզիներում սրանք չափազանց առատ են և կազմում են յագուարների սովորական որսը։

Տուկուտուկոն (Ctenomys Brasiliensis) հետաքրքրական, փոքրիկ կենդանի է, որին կարելի է կրծող համարել և որն ունի խլուրդի հատկություններ։ Այդ շրջանի որոշ մասերում սա չափազանց տարածված է, բայց նրան բռնել դժվար է, և կարծում եմ, որ երբեք գետնի տակից դուրս չի գալիս։ Իր բնի անցքից խլուրդի նման նա դուրս է նետում հողի կոշտեր, բայց ավելի փոքր մեծության։ Դաշտերի տակ հսկայական տարածություններ այնպես կատարյալ են վարված այս կենդանիների կողմից, որ ձիերը վրայից անցնելիս ոտները մինչև կոճիկները խրվում են այս բների մեջ։ Տուկուտուկոները որոշ չափով, թվում է, ապրում են խմբերով։ Այն մարդը, որն ինձ բերել էր մի քանի նմուշներ, ասաց, որ նա վեցը բռնել էր մի տեղից, և այդ անսովոր դեպք չէ։ Սրանք իրենց սովորություններով գիշերային կենդանիներ են, և նրանց գլխավոր սնունդը բույսերի արմատներն են, որոնք նրանց ոչ խորը և լայնատարած բների միջադիր առարկաներն են։ Այս կենդանին բոլորին հայտնի է իր չափազանց յուրահատուկ աղմուկով, որ նա առաջացնում է գետնի տակ եղած ժամանակ։ Երբ մարդ առաջին անգամն է լսում այդ աղմուկը, զարմանում է, որովհետև նա չի կարող հասկանալ, թե այդ ո՛րտեղից է գալիս, և ոչ էլ կարող է ենթադրել, թե ինչպիսի արարած է այդ ձայնը հանողը։ Այդ ձայնը բաղկացած է մի կարճ, բայց ոչ կոպիտ, ռնգային տնքոցից, որն արագ հաջորդականությամբ՝ մոնոտոն կերպով կրկնվում է չորս անգամ։[29] Տուկուտուկո անունն առաջացել է իր այդ ձայնից։ Երբ այս կենդանիներից շատ կան, նրանց ձայնը կարելի է լսել օրվա բոլոր ժամերին, երբեմն էլ անմիջապես լսվում է ոտքի տակից։ Երբ սրանց պահում են սենյակում, սրանք շատ դանդաղ և տձև շարժվում են, որ, ըստ երևույթին, հետևանք է հետևի ոտքերի դեպի դուրս կատարվող շարժման։ Սրանք իրենց բարձոսկրի խոռոչի մի հոդի պակասության պատճառով անկարող են թռչել ամենաչնչին բարձրությունն անգամ։ Չափազանց ապուշ են փախուստի որևէ փորձ կատարելու ժամանակ։ Երբ բարկացած կամ վախեցած էին լինում, արձակում էին տուկուտուկո ձայնը։ Իմ կենդանի պահած նմուշներից մի քանիսը հենց առաջին օրը կատարյալ ընտանի դարձան և այլևս ոչ կծելու փորձեր էին անում, ոչ փախչելու։ Մյուսները դեռ բոլորովին չէին ընտելացել։

Նրանց բռնող մարդը հավատացնում էր ինձ, որ նրանցից շատերը բոլորովին կույր են լինում։ Մի նմուշ, որ ես պահում էի սպիրտի մեջ, այս վիճակում էր գտնվում։ Մր. Ռեյդը կարծում է, որ այս առաջանում է թարթիչ մեմբրանների բորբոքումից։ Կենդանու ողջ եղած ժամանակ մատս բռնել էի նրա գլխից կես մատնաչափ հեռավորության վրա, բայց ամենաչնչին ուշադրությունն անգամ չնկատվեց, և նա շարունակում էր սենյակում իր ճանապարհը մոտավորապես այնպես, ինչպես մյուսները։ Նկատի առնելով տուկուտուկոյի խիստ ստորերկրյա սովորությունները՝ կուրությունը, որն այնքան սովորական է մեծ չարիք չի կարող լինել նրա համար, բայց և այնպես տարօրինակ է տեսնել մի կենդանի, որն ունի այնպիսի մի օրգան, որը հաճախակի ենթակա է ոչնչանալու։ Լամարկը, երբ խորհրդածում էր[30] (տվյալ դեպքում հավանորեն ավելի ճիշտ, քան առհասարակ) ստորերկրյա կրծող գետնարջի (Aspalax) և ջրով լցված մութ քարայրներում ապրող սողուն պրոտեի (Proteus) աստիճանաբար ձեռք բերած կուրության մասին, եթե իմանար այս փաստը, չափազանց գոհ կլիներ։ Այս երկու կենդանիների մոտ էլ աչքերը գտնվում են գրեթե ռուդիմենտային վիճակում, և ծածկված են նյարդային մեմբրանով և մորթով։ Հասարակ խլուրդի աչքը չափազանց փոքր է, բայց կատարյալ, թեև շատ անատոմիստներ կասկածում են, թե արդյոք նա միացա՞ծ է իսկական օպտիկական ներվերի հետ։ Նրա տեսողությունը պետք է որ թերի լինի, թեև հավանորեն օգտակար է կենդանուն, երբ նա թողնում է իր որջը։ Տուկուտուկոն, որն, իմ կարծիքով, երբեք գետնի տակից դուրս չի գալիս, ունի ավելի մեծ աչք, բայց հաճախ կույր և անգործածելի է լինում, սակայն այդ ոչ մի անհարմարություն չի առաջացնում կենդանու համար։ Կասկած չկա, որ Լամարկը կասեր, թե տուկուտուկոն այժմ անցնում է դեպի գետնարջի (Aspalax) և պրոտեի (Proteus) վիճակը։

Մալդոնադոյի շուրջը եղած բլրաշատ, կանաչ հարթավայրերում կան բազմաթիվ տեսակի չափազանց շատ թռչուններ։ Կառուցվածքով և բնավորությամբ մեր սարյակին նման մի ընտանիք ունի բազմաթիվ տեսակներ։ Սրանցից մեկը (Molothrus niger) նշանավոր է իր սովորություններով։ Հաճախ կարելի է տեսնել մի քանիսին միասին նստած կովի կամ ձիու կռնակին։ Երբեմն թառած ցանկապատերին՝ փետրազարդվում են արևի տակ. նրանք փորձում են երգել, կամ ավելի շուտ սուլել։ Այս ձայնը չափազանց յուրահատուկ է և նման է օդի պղպջակների սուր ձայնին, որոնք առաջանում են ջրի տակի բացվածքով արագ անցնելիս։ Ըստ Ազարայի՝ այս թռչունը, կկուի նման, իր ձվերն ածում է ուրիշ թռչունների բների մեջ։ Մի քանի անգամ ես լսել եմ տեղական բնակիչներից, որ իսկապես կա մի թռչուն, որն ունի այդ սովորությունները, և իմ կոլեկտոր օգնականը, որը մի խիստ ճշտապահ անձնավորություն էր, այս դաշտերում ճնճղուկի (Zonotrichia matutina) մի բուն գտավ, որի մեջ եղած ձվերից մեկը մյուսներից զգալիորեն մեծ էր, գույնով և ձևով նույնպես տարբերվում էր մյուսներից։ Հյուսիսային Ամերիկայում նույնպես կա մոլոթրուսի (Molothrus) մի տեսակը (M. pecoris), որն ունի կկուի նման սովորություններ, և որն իր բոլոր կողմերով խիստ մոտիկ է Պլատայի տեսակին, մինչև անգամ այն չնչին մանրամասնություններով, ինչպես եղջերավոր անասունների կռնակին կանգնելն է։ Նրա միակ տարբերությունն այն է, որ մի քիչ փոքր է, և փետուրներն ու ձվերն էլ ունեն մի փոքր տարբեր գունավորում։ Այս սովորությունների և կառուցվածքի մոտիկ համապատասխանությունը ներկայացուցիչ տեսակների մոտ, որոնք գտնվում են մի մեծ աշխարհամասի հակադիր ծայրերում, թեև հաճախ են պատահում, բայց միշտ զարմանալի են։

Մր. Սուենսընը ճիշտ է նկատել,[31] որ բացառությամբ Molothros pecoris-ի, որին պետք է ավելացնել նաև M. niger-ը, կկուները միակ թռչուններն են, որոնք իրապես կարող են անվանվել պարազիտային, այսինքն «ամրանում են մի այլ ապրող կենդանու վրա, որի կենդանական տաքությունը կյանքի է կոչում նրանց փոքրիկներին, որի սննդով սնվում են, և որի մահը մահ է նրանց համար՝ փոքր ժամանակ»։ Նշանակալի է այն, որ և՛ կկուի, և ՛մոլոթրուսի տեսակներից մի քանիսը, իհարկե ոչ բոլորը, իրենց պարազիտային ձևի բազմացումով համապատասխանում են իրար, մինչ գրեթե մյուս բոլոր սովորություններով ամբողջապես հակառակ են իրար։ Մոլոթրուսը մեր սարյակի նման գերազանցապես ընկերասեր է և ապրում է բաց դաշտերում, առանց խորամանկության կամ կեղծիքի, իսկ կկուն, ինչպես բոլորը գիտեն, եզակիորեն երկչոտ թռչուն է, նա հաճախում է ամենամեկուսացած մացառները և սնվում թրթուրներով և պտղով։ Կառուցվածքով էլ այս երկու սեռերը խիստ տարբերվում են իրարից։ Բազմաթիվ, մինչև անգամ գանգաբանական թեորիաներ են առաջ եկել կկուի՝ ուրիշ թռչունների բունը ձվեր դնելու պատճառը բացատրելու համար։ Թվում է, թե միայն մր. Պրևոյի դիտողություններն են որոշ լույս սփռել այս հանելուկի վրա։[32] Նա գտնում է, որ կկուն, որն ըստ դիտողների մեղ մասի՝ ածում է չորսից-վեց ձու, արուի հետ պետք է զուգավորվի յուրաքանչյուր առաջին կամ երկրորդ ձուն ածելուց հետո։ Այժմ, եթե կկուն պարտավորվեր նստել իր սեփական ձվերի վրա, կամ պետք է բոլոր վեց ձվերի վրա նստեր, և այդ ժամանակ առաջին ածածներն այնքան երկար կմնային, որ կնեխեին, կամ թե հենց որ մեկ կամ երկու ձուն ածեց, պետք է թխսեր անջատ, նախ քան երրորդ կամ չորրորդ ձվերն ածելը, բայց որովհետև կկուն ավելի կարճ է մնում այս երկրում, քան որևէ այլ չվող թռչուն, հասկանալի է, որ նա ժամանակ չէր ունենա հաջորդական թխսումների համար։ Այստեղից էլ կկուի մի քանի անգամ զուգավորվելու և ձվերն ընդմիջումներով ածելու փաստից կարող ենք հասկանալ իր ձվերն ուրիշ բներում ածելու և նրանց որդեգրողների խնամքին հանձնելու պատճառը։ Ես խիստ հակամետ եմ հավատալու, որ այս տեսակետը ճիշտ է. այդ տեսակետն անկախ կերպով իմ մեջ առաջացել է (ինչպես կտեսնենք հետագայում) մի անալոգ եզրակացությունից, որը վերաբերում է Հարավային Ամերիկայի ջայլամին։ Այս թռչունի էգերը, եթե կարելի է այսպես ասել, իրար նկատմամբ պարազիտներ են, յուրաքանչյուր էգ մի քանի ձու ածում է մի քանի այլ էգերի բնում, և թխսելու ամբողջ պարտականությունն ընկնում է արու ջայլամի վրա, ինչպես կկուի ձվերի թխսող խորթ ծնողներն հնանում։

Ես հիշատակելու եմ միայն երկու թռչուն, որոնք շատ տարածված են և իրենց սովորություններով արժանի են ուշադրության։ Saurophagus sulphuratus-ը ամերիկյան բռնակալ ճանճորսների մեծ ցեղի տիպիկ ներկայացուցիչն է։ Իր կառուցվածքով նա խիստ մոտիկ է կաչաղակներին, իսկ սովորություններով կարող է համեմատվել բազմաթիվ թռչունների հետ։ Ես հաճախ նկատել եմ, թե ինչպես նա դաշտում որս անելիս բազեի նման սուրում է մի կետի վրա և ապա արագ թռչում մի ուրիշ տեղ։ Երբ նա կախված է լինում օդում, նրան շատ հեշտությամբ մի փոքր հեռավորությունից կարելի է սխալ կերպով ընդունել գիշատիչ կարգերից մեկի տեղ։ Նրա խոյանքը շատ ետ է մնում և՛ ուժով, և՛ արագությամբ բազեի խոյանքից։ Երբեմն Sauraphagus-ը նստում է ջրի եզրին և ալկիոնի նման այնտեղ հանգիստ սպասում ձկան. հենց որ մի փոքրիկ ձուկ մոտենում է ափին, նա բռնում է նրան։ Հաճախ այս թռչուններին պահում են վանդակում կամ բակում՝ թևերը կտրած։ Շուտով սրանք ընտելանում են և իրենց խորամանկ, տարօրինակ սովորություններով շատ զվարճալի թռչուններ են դառնում, նման սովորական անծեղներին։ Նրանց թռիչքն ալիքային է, որովհետև նրանց կտուցը և գլուխը մարմնի համեմատությամբ չափազանց մեծ են։ Երեկոյան Saurophagus-ը նստում է ընդհանրապես ճանապարհի կողքին գտնվող մացառների վրա, և անընդհատ անփոփոխ կրկնում մի զիլ, բայց հաճելի ճիչ, որը երբեմն նմանվում է վանկային խոսքերի։ Սպանացիներն ասում են, որ այդ նման է „Bien te veo” բառերին, որ նշանակում է՝ ես լավ տեսնում եմ քեզ, և այդպես էլ անվանում են նրան։

thumb

Մի ծաղրուկ (թռչուն) (Minus orpheus), որին տեղացիներն անվանում են Calandria, նշանավոր է իր երգով, որը տեղական բոլոր թռչանների երգերը գերազանցում է. իսկապես նա գրեթե միակ թռչունն է Հարավային Ամերիկայում, որը կարող է համարվել երգիչ թռչուն։ Նրա երգը կարելի է համեմատել մեր եղեգնուտի գեղգեղիչի (Acrocephalus phragmitis) հետ, միայն թե ավելի բարձր է երգում, հաճելի գեղգեղանքով իրար խառնելով մի քանի կոշտ է մի քանի խիստ բարձր նոտաներ։ Նա երգում է միայն գարնանը. տարվա մյուս ժամանակներին նրա ձայնը սուր է և ներդաշնակ լինելուց հեռու։ Մալդոնադոյի մոտ այս թռչունները չափազանց համարձակ էին և մարդընտել. նրանք մեծ խմբերով թռչում էին գյուղական տների մոտ պատերից կամ բևեռներից կախված միսը կտցահարելու համար. եթե մի ուրիշ փոքր թռչուն փորձեր մասնակցել «խնջույքին», կալանդրիան իսկույն և եթ կհալածեր նրան։ Պատագոնիայի ընդարձակ և անմարդաբնակ հարթավայրերում կա սրան խիստ մոտիկ ավելի վայրի մի ուրիշ թռչուն՝ Orpheus Patagonica d’Orbigny, որը հաճախում է փշոտ մացառներով ծածկված հովիտները և ունի ձայնի մի փոքր տարբեր տոն։ Հետաքրքրականն այն է, որ առաջին անգամ այդ երկրորդ տեսակը տեսնելիս աչքի ընկավ նրա և Մալդոնադոյում տեսած կալանդրիայի տրամադրությունների տարբերությունը, և ես եզրակացրի, որ նրանք պետք է պատկանեին տարբեր տեսակների. հետագայում ձեռք բերելով պատագոնյան մի տեսակ և թեթևակի համեմատելով նրանց ընդհանուր կողմերը, նրանց այնքան իրար նման գտա, որ ես փոխեցի իմ կարծիքը, բայց այժմ մր. Գուլդն ասում է, որ նրանք պատկանում են տարբեր տեսակների, և այդ եզրակացությունը նա արել է անկախ նրանց ունեցած տարբեր սովորություններից, որոնց մասին նա նույնիսկ տեղեկություն չուներ։

Երբ մի մարդ, որը սովոր է տեսնելու միայն Հյուսիսային Եվրոպայի թռչունները, ընկնի Հարավային Ամերիկայի բազմաթիվ, մարդընտել և զզվելի սովորություններ ունեցող, մեռած կենդանիների դիակներով սնվող գիշակեր թռչունների մեջ, չափազանց կզարմանա։ Այս ցուցակի մեջ կարելի է վերցնել կարակարայի կամ Polyborus-ի չորս տեսակը, հնդկական գրիֆը, գալինասոն և կոնդորը։ Կարակարաներն իրենց կառուցվածքով դասվում են արծիվների շարքը. մենք կտեսնենք, թե որչափ նրանք քիչ են արժանի այդ պատվավոր կոչման։ Իրենց սովորություններով նրանք նման են մեր գիշակեր ագռավներին և անծեղներին — թռչունների մի ցեղ, որն ամբողջ աշխարհում ունի լայն տարածում, բայց բացակայում է միայն Հարավային Ամերիկայում։ Սկսենք կարակալայից։ Այս մի շատ սովորական թռչուն է և նրա աշխարհագրական տարածումը չափազանց ընդարձակ։ Ամենից շատ նա լինում է Լա Պլատայի կանաչ սավաննաներում, որտեղ նրան անվանում են կարանչա (Carancha). նրանք շատ են տարածված նաև ծայրեիծայր ամբողջ Պատագոնիայի անբերրի և ամայի հարթավայրերում։ Նեգրո և Կոլորադո գետերի միջև ընկած անապատում այս թռչուններն անընդհատ սպասում են ճանապարհների վրա՝ հոգնածությունից և ծարավից ուժասպառ եղած կենդանիների դիակները գիշատելու համար։ Թեև սրանք շատ են տարածված այս չոր բաց դաշտերում և Խաղաղ օվկիանոսի անապատային ափերին, բայց բնակվում են նաև Արևմտյան Պատագոնիայում և Հրո Երկրի խոնավ և անթափանց անտառներում։ Կարանչաները և չիմանգոները մեծ թվերով անընդհատ սպասում են գյուղական տների (estancias) և սպանդանոցների շրջակայքում։ Երբ որևէ կենդանի սատկում է դաշտում, գալինասոն սկսում է իր «խնջույքը», և Polyborus-ի երկու տեսակները լավ մաքրում են կենդանու ոսկրները։ Այս թռչունները թեև ընդհանրապես սնվում են միասին, բայց հեռու են իրար հետ բարեկամ լինելուց։ Երբ կարանչան հանգիստ նստած է ծառի ճյուղին կամ գետնին, չիմանգոն հաճախ շարունակ կատարում է նրա շուրջը վեր-վար, ետ ու առաջ կիսաշրջան թռիչքներ, յուրաքանչյուր անգամին ջանալով հարվածել իր մեծ ազգակցին։ Կարանչան գրեթե ուշադրություն չի դարձնում նրան, միայն երբեմն ճոճում է իր գլուխր։ Թեև կարանչաները հաճախ երևում են խմբերով, բայց նրանք ընդհանրապես խմբերով չեն ապրում, այնքան, որքան նրանց կարելի է տեսնել միայնակ կամ շատ հաճախ զույգերով։

Ասում են, որ կարանչաները շատ ուժեղ են և գողանում են բազմաթիվ ձվեր։ Նրանք չիմանգոյի հետ հաճախ փորձում են պոկել ջորիների կամ ձիերի վերքերի վրայի կեղևները։ Կապիտան Հեդը յուրահատուկ և ճշգրիտ կերպով նկարագրել է մի անհրապույր տեսարան, որը ներկայացնում է մի կողմից ականջները կախած, մեջքը ծռված կենդանուն, մյուս կողմից՝ օդում սուրացող գիշատիչ թռչունին, որը նայում է մի կանգուն հեռավորությունից։ Այս կեղծ արծիվները շատ հազվադեպ են սպանում որևէ ապրող թռչուն կամ կենդանի, և նրանց անգղային, գիշատիչ սովորությունները լավ հայտնի են Պատագոնիայի բնակիչներին։

Նրանք, ովքեր ցերեկը քնում են այդ ամայի դաշտերում, արթնանալիս շրջապատի յուրաքանչյուր թմբի կամ բլրակի վրա կտեսնեն այն թռչուններից մեկին, որոնք չարագուշակ աչքերով համբերությամբ սպասում են իրեն։ Այս դաշտերում այդ մի այնպիսի աչքի ընկնող երևույթ է, որ այնտեղից անցնող ոչ մի ճանապարհորդի աչքից վրիպել չի կարող։ Եթե մի խումբ մարդիկ շներով և ձիերով գնան որսի, ամբողջ ցերեկը նրանց կընկերակցեն նաև այս հետևորդներից մի քանիսը։ Ուտելուց հետո նրա մերկ խածին փքվում, ուռչում է։ Այսպիսի ժամանակներում և ընդհանրապես կարանչան ծույլ, հանդարտ և վախկոտ թռչուն է։ Նրա թռիչքը ծանր է և դանդաղ՝ նման անգլիական ճեղագռավի։ Նա հազիվ թե սավառնի շատ բարձր, բայց ես երկու անգամ տեսել եմ, թե ինչպես նա ահագին բարձրությունից շատ հեշտությամբ խոյանում է ներքև։ Նա վազում է (թեև չի կարող ցատկել), բայց ոչ այնպես արագ, ինչպես իր մի քանի համազգիները։ Երբեմն կարանչան դառնում է աղմկոտ, բայց ոչ ընդհանրապես. նրա ձայնը սուր է, կոշտ և յուրահատուկ և նման է սպանական կոկորդային g ձայնին, որին հետևում են կոշտ և կրկնակի ռռ հնչյունները։ Այս ձայներն արձակելիս նա հետզհետե բարձրացնում է իր գլուխը, մինչև որ կտուցը լայն բացած՝ կատարը գրեթե դիպչում է կռնակի ներքևի մասին։ Այս փաստը, որի մասին եղել են կասկածներ, բոլորովին ճիշտ է։ Ես մի քանի անգամ եմ տեսել նրանց գլուխներն ամբողջովին շրջած դիրքով։ Այս դիտողություններին կարող եմ, հիմնվելով Ազարայի բարձր հեղինակության վրա, ավելացնել նաև այն, որ կարանչան սնվում է որդերով, խեցիներով, խխունջներով, մորեխներով և գորտերով։ Նա սպանում է նաև մանր գառներին, պատառոտելով նրանց պորտալարը. նա հետապնդում է գալինասոյին, մինչև վերջինս ստիպված փսխում է իր դեռ նոր կուլ տված դիակի մնացորդները։ Վերջապես Ազարան հավատացնում է, որ մի քանի կարանչաներ, թվով հինգ կամ վեց հատ, միանում են մեծ թռչուններին հալածելու համար, մինչև անգամ հալածում են ձկնկուլներին։ Այս բոլոր փաստերը ցույց են տալիս, որ նա ունի չափազանց բազմակողմանի սովորություններ և զգալի համարձակություն։

Polyborus Chimango-ն զգալիորեն ավելի փոքր է, քան վերջին տեսակը։ Նա ամբողջովին ամենակեր թռչուն է և մինչև անգամ հաց է ուտում։ Ինձ հավատացնում էին, որ նա Չիլոեում նյութապես վնասում է կարտոֆիլի բերքը՝ արմատահան անելով նոր թաղած կարտոֆիլները։ Բոլոր գիշակեր թռչուններից այս վերջինն է, որը չի դիպչում մեռած կենդանու կմախքին, և հաճախ նրան կարելի է տեսնել կովի կամ ձիու կողերի միջև, կարծեք թե վանդակում գտնվող թռչուն է։ Միևնույն թռչունի մի ուրիշ տեսակը ներկայացնում է Polyborus Novae Zelandiae-ն, որը չափազանց տարածված է Ֆալկլանդական կղզիներում։ Այս թռչուններն իրենց սովորություններով շատ բանով նման են կարանչաներին։ Նրանք սնվում են մեռած կենդանիների դիակներով և ծովային կենդանիներով, իսկ ժայռոտ Ռամիրես կղզու վրա նրանց ամբողջ ապրուստը կախված է ծովից։ Նրանք չափազանց համարձակ են և անվախ և հաճախում են տների շրջակայքը փորոտիք հավաքելու համար։ Եթե մի որսորդական խումբ մի կենդանի է սպանում, այս թռչուններից մի խումբ շուտով հավաքվում է և համբերությամբ սպասում՝ գետնին կանգնած, շրջապատելով ամբողջ խումբը։ Ուտելուց հետո նրանց բաց խածիները խիստ ուռչում են՝ տալով նրանց զզվելի տեսք։ Նրանք միշտ պատրաստ են հարձակվելու վիրավոր թռչունների վրա. վիրավորված և ափին ընկած մի ագռավի վրա անմիջապես հավաքվեցին այս գիշատիչները և արագացրին նրա մահը։ «Բիգլ»-ը միայն ամառը մնաց Ֆալկլանդական կղզիներում, բայց «Ադվենդուր» նավի սպաները, որոնք եղել էին այնտեղ ձմեռը, պատմում են այս թռչունների հանդգնության և գիշատելու վերաբերյալ զարմանալի դեպքեր։ Մի անգամ նրանք ուղղակի խոյանում են խմբի անդամներից մեկի մոտ խորը քնած շան վրա, և արշավախմբի անդամներն ահագին նեղություն են կրում իրենց աչքի առաջ գտնվող վիրավոր սագերին հափշտակումից ազատելու համար։ Ասում են, որ մի քանիսը միասին (այս բանում նման են կարանչաներին) սպասում են ճագարի բնի առաջ, և երբ կենդանին դուրս է գալիս բնից, բոլորը միասին հարձակվում են նրա վրա։ Նրանք անընդհատ թռչում էին նավի տախտակամածի վրա, երբ վերջինս գտնվում էր նավահանգստում, և անհրաժեշտ էր լավ հսկողություն պահպանել նավի կաշվեղեն մասերը պատառոտելուց և ետամասում դրված որսի միսը փախցնելուց պաշտպանելու համար։ Այս թռչունները չափազանց չարաճճի են և հետաքրքրվող։ Նրանք գրեթե գետնից հավաքում են ամեն ինչ։ Մի անգամ մի մեծ գլխարկ սև լաքով փայլեցրած՝ տարել էին մի մղոն հեռու, ինչպես մի ուրիշ անգամ մի զույգ ծանր գնդակներ, որոնք գործածվում էին խոշոր եղջերավոր անասուններ բռնելու համար։ Քարտեզահանումների ընթացքում մր. Օսբորնը կորցրեց մի շատ արժեքավոր գործիք, այդ թռչունները գողացել էին նրա կատերյան փոքրիկ կողմնացույցը, որը դրված էր մարոկյան կարմիր, գեղեցիկ կաշվե տուփիկի մեջ և որն այլևս չգտնվեց։ Այս թռչունները կռվարար են և չար. բարկացած ժամանակները կտուցներով քանդում են կանաչ խոտը։ Սրանք համայնակյաց կյանք չեն վարում, սավառնել չեն կարող, իսկ նրանց թռիչքը ծանր է և կոպիտ։ Գետնի վրա նրանք վազում են չափազանց արագ, որը չափազանց նման է ֆազան թռչունի վազքին։ Սրանք աղմկարար են, հանում են կոշտ ձայներ։ Այդ ձայներից մեկը նման է անգլիական Ճեղագռավի ձայնին, դրա համար էլ փոկորսները սրանց անվանում են ճեղագռավ։ Հետաքրքրականն այն է, որ ձայն հանելու ժամանակ նրանք իրենց գլուխը բարձրացնում են վեր և ետ, ինչպես կարանչաներն են անում։ Նքանք իրենց բունը շինում են ծովափնյա բարձր ժայռերի վրա, և այն էլ միայն փոքր, հարևան կղզիների վրա և ոչ գլխավոր երկու կղզիների վրա։ Այդ հանդուգն և անվախ թռչունի համար այսպիսի զգուշությունը հետաքրքրական է։ Փոկորսներն ասում են, որ սրա միսը խաշելուց հետո բոլորովին սպիտակում է և ուտելու համար շատ լավ է, բայց մարդ շատ հանդուգն պետք է լինի սրանց մսից կերակուր պատրաստելու փորձ անելու համար։

Մեզ մնում է միայն նկարագրելու հնդկական գրիֆը (Vultur aura) և գալինասոն։ Առաջինը գտնվում է բոլոր այն վայրերում, որտեղ բավարար քանակությամբ խոնավություն կա, Հոռն հրվանդանից սկսած՝ մինչև Հյուսիսային Ամերիկա։ Հակառակ կարակարայի և չիմանգոյի, այս թռչունը թափանցել է նաև Ֆալկլանդական կղզիները։ Հնդկական գրիֆը լինում է միայնակ, իսկ ծայրահեղ դեպքում՝ զույգերով։ Հեռվից նրան կարելի է ճանաչել իր բարձր, թեթև և հանդարտ թռիչքի միջոցով։ Հայտնի է, որ նա իսկական գիշատիչ է։ Պատագոնիայի արևմտյան ափին, խիտ անտառներով ծածկված կղզիների և կտրատված ծովափերին նրանք բացառապես սնվում են ծովի դուրս նետած օրգանիզմներով և սատկած փոկերի դիակներով։ Երբ փոկերը հավաքվում են մի ժայռի վրա, այս անգղների ներկայությունն անխուսափելի է։ Գալինասոյի (Cathartes atratus) աշխարհագրական տարածումը վերջինից տարբեր է, որովհետև նա երբեք 41° հարավային լայնությունից հարավ չի գտնվում։ Ազարան ասում է, որ, ըստ գոյություն ունեցող մի ավանդության, այդ երկրները նվաճելու ժամանակ այս թռչունները գոյություն չունեին Մոնտեվիդեոյի շրջակայքում և նրանք հետզհետե հյուսիսային շրջանների բնակիչների հետ տարածվել են դեպի հարավ։ Այժմ նրանք չափազանց բազմաթիվ են Կոլորադոյի հովտում, որը գտնվում է Մոնտեվիդեոյից 300 մղոն դեպի հարավ։ Շատ հավանական է, որ այս լրացուցիչ գաղթը տեղի է ունեցել Ազարայի ժամանակից հետո։ Ընդհանրապես գալինասոն նախընտրում է խոնավ կլիման կամ ավելի շուտ՝ անուշ ջրերի մոտերքը. դրա համար էլ նա չափազանց առատ է Բրազիլիայում և Լա Պլատայում, իսկ Հյուսիսային Պատագոնիայի անապատային չոր, կիզիչ հարթավայրերում, բացառությամբ առվակների շրջակայքի, երբեք չի լինում։ Այս թռչունները տարածված են ամբողջ պամպասներում, մինչև Կորդիլերյան լեռների ստորոտները, բայց ես ոչ մի հատի չհանդիպեցի Չիլիում, և ոչ էլ լսեցի որևէ բան նրանց մասին։ Պերուում նրանց գնահատում են որպես աղբահավաքների։ Այս անգղներն իրապես կարող են համարվել համայնակյացներ, որովհետև թվում է թե նրանք հաճույք են զգում համայնական կյանքում, և նրանց հավաքվելու միակ պատճառը մի ընդհանուր որսի հրապույրը չէ։ Պարզ եղանակին հաճախ օդում բարձր երևում են նրանց երամները, յուրաքանչյուր թռչուն չափազանց շնորհալի շրջաններով ճախրելով անընդհատ պտույտներ է կատարում առանց փակելու իր թևերը։ Պարզ է, որ այս կատարվում է հաճույքի համար, կամ գուցե և այդ կապված է նրանց ամուսնական միությունների հետ։

Ես նկարագրեցի բոլոր գիշակերները՝ բացառությամբ կոնդորի, որի մասին ավելի մանրամասն խոսք կլինի, երբ այցելենք մի երկիր, որն ավելի համապատասխան է նրա սովորություններին, քան Լա Պլատայի գետի հարթավայրերը։

Մալդոնադոյից մի քանի մղոն հեռու, ավազային բլրակների մի լայն շղթայում, որը բաժանում է դել Պոտրերո լագունան Պլատայի ափերից, գտա մի խումբ ապակիացված սիլիցիումային խողովակներ, որոնք առաջացել են թույլ ավազի մեջ հարվածող կայծակից։ Այս խողովակներն իրենց բոլոր մանրամասնություններով նման են այն խողովակներին, որոնք գտնվել են Դրիդում (Կեմբեռլանդում), որոնց մասին գրվել է „Geological Transactions”-ում[33]։ Մալդոնադոյի ավազային բլրակները բուսականությամբ պաշտպանված չլինելով, անընդհատ փոխում են իրենց դիրքը։ Այս բանի հետևանքով խողովակները ելած են մակերեսի վրա, և բազմաթիվ կտորներ, որոնք ընկած են խողովակներին մոտիկ, ցույց են տալիս, որ նրանք սկզբում թաղված են եղել մեծ խորությամբ։ Այդ խողովակներից չորս շարք ավազի մեջ մտել էին վերտիկալ դիրքով։ Ձեռքով փորելով գետինը՝ պարզվեց, որ նրանցից մեկն ունի երկու ոտնաչափ խորություն, իսկ մի քանի կտորներ, որոնք, ըստ երևույթին, պատկանում էին միևնույն խողովակին, երբ ավելացրին մյուս մասին, ստացվեց հինգ ոտնաչափ երկու մատնաչափ երկարություն։ Ամբողջ խողովակի տրամագիծը գրեթե հավասար էր, դրա համար էլ պետք է ենթադրենք, որ սկզբում այդ տարածվել է շատ ավելի խորը։ Այս խողովակներն իրենց չափերով շատ փոքր էին՝ Դրիդում եղած խողովակների հետ համեմատած, որտեղ մեկի հետքերից փորելով հասել էին ոչ պակաս քան երեսուն ոտնաչափ խորության։

Ներքին մակերեսն ամբողջովին ապակիացված, փայլուն և հղկված է։ Միկրոսկոպի տակ դրած մի փոքրիկ կտոր, որն ուներ օդի կամ գուցե և ջրային գոլորշու մանր պղպջակների ներփակումներ, նմանվում էր փչակով հալած միներալին։ Ավազն ամբողջությամբ, կամ մեծ մասամբ, սիլիցիումային է, բայց մի քանի տեղերում ունի սև գույն և նրանց հղկված մակերեսն ունի մետաղական փայլ։ Խողովակի պատի հաստությունը տարբեր մասերում տարբեր է՝ լինելով մեկ երեսուներորդ մատնաչափից մինչև մեկ քսաներորդ, բայց պատահում են նաև մեկ տասերորդ մատնաչափ հաստության։ Դրսի մակերեսում ավազի հատիկները կլորացված են և ունեն թույլ փայլող տեսք։ Ես չկարողացա զանազանել բյուրեղացման որևէ նշան։ Ճիշտ այնպես, ինչպես նկարագրվել է „Geological Transactions”-ում, այդ խողովակներն ընդհանրապես ճզմված են և ունեն խորը երկայնական ակոսներ, և չափազանց նման են բույսի թոռոմած ցողունին կամ կնձենու կամ խցանածառի կեղևին։ Նրանց շրջագիծը հավասար է մոտավորապես երկու մատնաչափի, բայց մի քանի կտորներ, որոնք գլանաձև են և չունեն ակոսներ, ունեն մինչև չորս մատնաչափի շրջագիծ։ Այդ ակոսները կամ ծալքերն առաջացել են, անկասկած, այն ժամանակ, երբ մեծ ջերմության ազդեցությունից խողովակները դեռ փափուկ են եղել և ենթարկվել են շրջապատի թույլ ավազի ճնշմանը։ Դատելով չճնշված կտորներից, այդ կայծակի չափը, կամ, եթե կարելի է այսպես անվանել, դուրը պետք է որ մեկ և մեկ քառորդ մատնաչափ երկարություն ունենա։ Փարիզում մր. Հաշետին և մր. Բեդանին[34] հաջողվեց պատրաստել խողովակներ՝ շատ կողմերով նման այս ֆուլդուրիտներին, չափազանց մանրացրած ավազի միջով խիստ ուժեղ գալվանական հարվածներ առաջացնելով։ Երբ այս մասսայի հալվելը հեշտացնելու համար աղ են ավելացնում, խողովակներն ամեն ուղղությամբ ավելի են մեծանում։ Նրանց չհաջողվեց ստանալ այն և՛ ֆելդշպատի և՛ կվարցի փոշուց։ Մի խողովակ, որը կազմվել էր մանրացրած ապակուց, ուներ մոտ մեկ, այն է՝ 0,982 մատնաչափ երկարություն, և ներքին տրամագիծը 0,019 մատնաչափ էր։ Երբ լսում ենք, որ Փարիզում այդքան փոքր խողովակներ ստանալու համար, այն էլ այնպիսի դյուրահալ նյութից, ինչպես ապակին է, օգտագործվել է ամենաուժեղ բատարեան, ո՜րքան մեծ պետք է լինի մեր զարմանքը կայծակի հարվածի ուժի մասին, որը մի քանի տեղ խփելով ավազին՝ գլաններ է կազմել, որոնք հասնում են մինչև երեսուն ոտնաչափ երկարության և ունեն մի ներքին անցք, որը չճնշված տեղում հավասար է մեկ ու կես մատնաչափի, և այս բոլորը այնպիսի մի արտակարգ հրատոկուն նյութի մեջ, ինչպես կվարցն է։

Խողովակները, ինչպես վերևում ասացինք, ավազի մեջ մտնում են վերտիկալ ուղղությամբ։ Մի անգամ ես գտա մի խողովակ, որը մյուսների նման կանոնավոր չէր և զգալիորեն շեղվել էր ուղիղ գծից՝ կազմելով երեսուն երեք աստիճանի անկյուն։ Այս նույն խողովակից մոտավորապես մի ոտնաչափ հեռավորությամբ անջատվել էր երկու փոքրիկ ճյուղ. մեկն ուղղված էր դեպի ներքև, մյուսը վերև։ Այս վերջին փաստը բավական հետաքրքրական է, որովհետև այստեղ պետք է որ էլեկտրականությունը վերադարձած լինի իր գլխավոր ուղղությունից ետ, 26°-ի սուր անկյուն կազմելով։ Բացի այս չորս խողովակներից, որոնց գտա վերտիկալ դիրքով գետնի տակ, կային նաև բեկորների ուրիշ խմբեր, որոնք անկասկած գտնվում էին իրենց սկզբնական տեղին մոտիկ։ Այդ բոլոր խողովակները գտնվում էին տեղից շարժվող, տեղափոխվող ավազի մի հարթության վրա, որն ուներ քսան կանգուն լայնք և վաթսուն կանգուն երկայնք։ Այդ հարթությունը տեղավորված էր մի քանի ավազային բլուրների միջև, որոնցից կես մղոն հեռու գտնվում էր չորսից հինգ հարյուր ոտնաչափ բարձրություն ունեցող բլուրների մի շղթա։ Կարծում եմ, որ այդ երևույթի ամենահետաքրքրական կողմը և՛ այստեղ, և՛ Դրիդում, և՛ Գերմանիայում, որը նկարագրել է մր. Ռիբենտրոպը, այդքան սահմանափակ տարածության վրա այդ թվով խողովակների ներկայությունն է։ Դրիդում տասնհինգ կանգուն տարածության վրա նկատվեց երեք հատ, միևնույն թիվը եղել է նաև Գերմանիայում։ Եմ նկարագրած տեղում, որի լայնքը քսան, իսկ երկայնքը վաթսուն կանգուն էր, անկասկած նրանց թիվը չորսից ավելի էր։ Որովհետև չի կարելի ենթադրել, որ այդ խողովակներն առաջացել են հաջորդական առանձին հարվածներից, ուստի ստիպված ենք ընդունել, որ կայծակը նախքան գետինը մտնելը բաժանվում է առանձին ճյուղերի։

Ռիո Պլատայի շրջակայքը, ըստ երևույթին, հատկապես ենթակա է էլեկտրական երևույթների։ 1793 թվին[35] Բուենոս Այրեսում տեղի ունեցավ մի չափազանց ուժեղ որոտալից փոթորիկ, որը թերևս արձանագրված փոթորիկներից ամենաուժեղն է։ Քաղաքում երեսուն յոթ տեղ կայծակը խփել է գետնին և սպանել տասնիննը մարդու։ Բազմաթիվ ճանապարհորդական գրքերում հիշատակված փաստերից ես տրամադրվում եմ կասկածելու, որ որոտալի փոթորիկներն ամենից շատ պատահում են մեծ գետերի գետաբերաններին։ Արդյոք հնարավոր չէ՞, որ աղի և անուշ ջրերի մեծ զանգվածների խառնվելն առաջացնի էլեկտրական հավասարակշռության խանգարում։ Մինչև անգամ Հարավային Ամերիկայի այս մասում մեր պատահական այցելության ժամանակ մենք լսեցինք, որ կայծակը խփել է մի նավի, երկու եկեղեցու և մի տան։ Կարճ ժամանակից հետո ես տեսա և՛ եկեղեցին, և՛ տունը։ Տունը պատկանում էր Մոնտեվիդեոյի գեներալ-կոնսուլ մր. Հուդին։ Զանգի մետաղյա թելի ճանապարհի աջ և ձախ կողմերում մի-մի ոտնաչափ տարածության վրա թուղթը սևացել էր։ Մետաղը հալվել էր և, թեև սենյակն ուներ տասնհինգ ոտնաչափ բարձրություն, վերևից ընկած գնդիկներն աթոռների և այլ առարկաների վրա այրելով բացել էին մանր փոսիկների շարքեր։ Պատի մի մասը քանդվել էր, կարծեք թե վառոդ էր պայթել ներսը, և այնպիսի ուժով էր նետել կտորները դեպի սենյակի մյուս պատը, որ նրանք փոսեր էին առաջացրել։ Հայելու շրջանակը սևացել էր, իսկ հետևի զօծած նյութը պետք է որ ցնդած լիներ, որովհետև ծխնելույզի վրա, դրած անուշաբույր նյութերով լցված փոքրիկ շիշը պատած էր պայծառ մետաղական մասնիկներով, որոնք այնքան ամուր էին կպած, որ կարծեք թե էմալել էին։


ՉՈՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՌԻՈ ՆԵԳՐՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԲԱՀԻԱ ԲԼԱՆԿԱ

Ռիո Նեգրո.— Հնդիկների հարձակումները ֆերմաների վրա.— Աղուտ լճեր.— Ֆլամինգոներ Ռիո Նեգրոյից մինչև Ռիո Կոլորադո.— Սուրբ ծառը.— Պատագոնիական նապաստակ.— Հնդիկ ընտանիքներ.— Գեներալ Ռոսասը.— Ճանապարհորդություն դեպի Բահիա Բլանկա.— Ավազաբլուրներ.— Նեգր լեյտենանտը.— Բահիա Բլանկա.— Աղային դրվագներ.— Պունտա Ալտա.— Սորիլյո։

Հուլիսի 24, 1833.— «Բիգլ»-ը լողալով դուրս եկավ Մալդոնադոյից և օգոստոսի 3-ին խարիսխ ձգեց Ռիո Նեգրոյի գետաբերանի մոտ։ Այս գետը Պլատայից մինչև Մագելլանի նեղուցը տարածվող ամբողջ ծովափի վրա գտնվող գետերից ամենագլխավորն է։ Նա ծովն է թափվում Պլատայի գետաբերանից մոտավորապես երեք հարյուր մղոն հարավ։ Մոտ հիսուն տարի առաջ, սպանական հին կառավարության օրով, այստեղ հաստատվեց մի փոքրիկ գաղութ, և այդ գաղութը մինչև այժմ էլ մնում է որպես Ամերիկայի արևելյան ափի ամենահարավային վայրը (41° լայնություն), որը բնակեցված է քաղաքակրթված բնակչությամբ։

Գետաբերանի շրջակա վայրերն ունեն վերին աստիճանի անհրապույր տեսք։ Հարավային կողմում սկսվում է քարափների ուղղաձիգ երկար շղթա, որը ներկայացնում է այդ շրջանի երկրաբանական կաոուցվածքի կտրվածքը։ Այդ շերտերը կազմված են ավազաքարերից. մի շերտը նշանակալի էր նրանով, որ բաղկացած էր ամուր ցեմենտացված պեմզայի խճերի կոնգլոմերատից։ Այդ շերտն Անդերից այստեղ հասած լինելու համար պետք է ճանապարհորդած լինի ավելի քան չորս հարյուր մղոն։ Մակերեսն ամենուրեք ծածկված է մանրախճի հաստ շերտով, որը լայն և ընդարձակ տարածվում է բաց դաշտի վրա։ Ջուր շատ քիչ է պատահում, եղածն էլ միշտ աղահամ է։ Բուսականությունը շատ աղքատ է, և թեև շատ տեսակի թփուտներ կան, բայց սրանք բոլորն էլ զինված են ահռելի փշերով, որոնք կարծեք թե զգուշացնում են ճանապարհորդին չփորձել այդ անհյուրընկալ վայրերը մտնել։ Վերոհիշյալ գաղութը տեղավորված է գետից տասնութը մղոն վերև։ Ճանապարհն անցնում է թեք ժայռերի տակից. այդ ժայռերը կազմում են այս մեծ հովտի հյուսիսային սահմանը, որի միջից հոսում է Ռիո Նեգրո գետը։ Ճանապարհին մենք անցանք մի քանի գեղեցիկ «էստանսիաների» ավերակների միջով, որոնք մի քանի տարի առաջ ավերել էին հնդիկները։ Նրանք դիմացել էին մի քանի հարձակումների։ Մի մարդ, որն ականատես էր եղել այդ հարձակումներից մեկին, ինձ շատ կենդանի կերպով նկարագրեց դեպքի մանրամասնությունները։ Բնակիչները ժամանակին նախազգացել էին այս հարձակումը և կարողացել էին իրենց խոշոր եղջերավոր անասունները և ձիերը քշել «կորալը»,[36] որը պատրաստված էր տան շրջապատում, և միաժամանակ պատրաստել էին մի քանի փոքր թնդանոթ։ Հնդիկներն արաուկաններ էին, Չիլիի հարավային մասից։ Նրանք թվով մի քանի հարյուր մարդ էին և վերին աստիճանի դիսցիպլինար։ Այդ հնդիկները նախ երևացին երկու խմբերով շրջակա մի բլրի վրա։ Այնտեղ ձիերից ցած գալուց և իրենց մուշտակները հանելուց հետո բոլորովին մերկ անցան հարձակման։ Հնդիկի միակ զենքը բամբուկից (եղեգ) պատրաստած մի չափազանց երկար փայտ է, որ զարդարում են ջայլամի փետուրներով և ծայրը սրում նիզակի գլխի ձևի։ Այսպիսի զենքը նրանք անվանում են «չուսո» (Chuzo)։ Ինձ պատմողը մեծ սարսուռով հիշում էր, թե ինչպես հետզհետե մոտենալով, նրանք ճոճում էին այս չուսոները։ Երբ նրանք շրջապատեցին գաղութը, նրանց կասիկը՝ Պինչեյրան բարձրաձայն առաջարկեց պաշարվածներին հանձնելու իրենց զենքերը, սպառնալով հակառակ դեպքում մորթել բոլորին։ Որովհետև նրանց մուտքն էստանսիա որևէ պարագայում հավանորեն նույն հետևանքը պիտի ունենար, ուստի միակ պատասխանը եղավ հրացանների մի համազարկ։ Հնդիկներն անհողդողդ եկան մինչև կորալի ցանկապատը, բայց ի զարմանս իրենց՝ նրանք տեսան, որ ցցերն իրար միացած են ոչ թե կաշվե փոկերով, այլ երկաթյա բևեռներով, և, իհարկե, նրանց փորձերն այդ բևեռներն իրենց դանակներով կտրատելու համար իզուր էին։ Այս փրկեց քրիստոնյաների կյանքը։ Վիրավոր հնդիկներն այդ տեղից հեռացվում կին իրենց ընկերների կողմից, և վերջապես, երբ վիրավորվեց կրտսեր կասիկներից մեկը, նահանջի շեփորը հնչեց։ Նրանք վերադարձան դեպի իրենց ձիերը, և թվում էր, թե տեղի էր ունենում ռազմական խորհրդակցություն։ Այդ մի սարսափելի դադար էր սպանացիների համար, որովհետև նրանց ամբողջ ռազմամթերքը, բացառությամբ մի քանի փամփուշտների, սպառվել էր։ Հանկարծ հնդիկները հեծան իրենց ձիերը և քառասմբակ քշելով անհետացան։ Մի այլ հարձակում ետ էր մղվել շատ ավելի հաջող կերպով։ Այդ ժամանակ թնդանոթը ղեկավարելիս է լինում մի սառնարյուն ֆրանսիացի. նա սպասում է մինչև հնդիկների մոտենալը և այնուհետև նրանց շարքերը հնձում է կարտեչով։ Նա գետին է գլորում երեսունիննը հնդիկ, և, իհարկե, այսպիսի մի հարված անմիջապես ցրում է նրանց ամբողջ խումբը։

Քաղաքն ունի երկու անուն՝ Էլ Կարմեն կամ Պատագոնես։ Նա կառուցված է մի քարափի վրա, որը գտնվում է գետի դիմացը։ Շատ տներ մինչև անգամ փորված են ավազաքարերի մեջ։ Գետն ունի մոտավորապես երկու հարյուրից երեք հարյուր յարդ լայնություն։ Նա խոր է և սրընթաց։ Բազմաթիվ կղզիներ իրենց ուռենու ձառերով և հարթ հրվանդաններով, որ երևում էին իրար հետևից լայն կանաչ հովտի հյուսիսային մասում, արևի պայծառ լույսի տակ գեղատեսիլ տեսարան են կազմում։ Բնակիչները թվով մի քանի հարյուրից չեն անցնում։ Այս սպանական գաղութներն անգլիականների նման իրենց մեջ չեն կրում աճելու, ընդարձակվելու տարրերը։ Այստեղ բնակվում են բազմաթիվ զտարյուն հնդիկներ։ Կասիկ Լուկանի ցեղի հնդիկները քաղաքի շրջակայքում անընդհատ շինում են իրենց տոլդոները։[37] Տեղական կառավարությունը մասամբ նրանց օգնում է պարենով, տալով նրանց բոլոր ծերացած և ուժասպառ ձիերը, բացի այդ՝ հնդիկներն իրենք էլ մասամբ հայթայթում են իրենց ապրուստը՝ ձիերի համար թաղիքներ և հեծնելու այլ պարագաներ պատրաստելով։ Այս հնդիկները համարվում են քաղաքակրթված, բայց ինչ որ կարող է շահել նրանց նկարագիրը կատաղության մի փոքր մեղմացումով, գրեթե ամբողջովին հակակշռվում է նրանց անբարոյականությամբ։ Այնուամենայնիվ երիտասարդների մի մասը հետզհետե զարգանում է, նրանք ցանկանում են աշխատել, և երբ մոտիկ ժամանակներում նրանցից մի խումբ գնաց փոկ որսալով ծովային ճանապարհորդության, ցուցաբերեց շատ լավ վերաբերմունք։ Այժմ նրանք վայելում էին իրենց աշխատանքի արդյունքը՝ հագնելով գեղեցիկ, մաքուր շորեր, միաժամանակ լինելով ծույլ և թեթևամիտ։ Հագնվելու մեջ ցուցաբերած նրանց ճաշակն սքանչելի էր։ Եթե այս հնդիկներից մեկին կարողանայինք դարձնել բրոնզե արձան, նրա զգեստավորությունը չափազանց վայելուչ կլիներ։

Մի օր ձիով այցելեցի մի մեծ աղուտ լիճ, կամ, ինչպես այստեղ դրանց անվանում են, «սալինա» (salina), որը քաղաքից գտնվում է տասնևհինգ մղոն հեռավորության վրա։ Ձմեռը նա ներկայացնում է աղի ջրի մի ծանծաղ լիճ, որն ամառը փոխարկվում է ձյան չափ սպիտակ աղից կազմված մի դաշտի։ Եզրերին աղի շերտի հաստությունը հասնում է չորսից—հինգ մատնաչափի, բայց դեպի կենտրոնն այդ հաստությունը հետզհետե մեծանում է։ Այս լճի լայնությունը մեկ մղոն էր, իսկ երկարությունը՝ երկու և կես։ Նրա մոտերքում կային նաև այլ լճեր, որոնք մի քանի անգամ ավելի մեծ էին և որոնց հատակի աղի շերտի հաստությունը մինչև անգամ ձմեռը, երբ ջուրը գոլորշիացած չի լինում, հասնում էր երկու կամ երեք ոտնաչափի։ Այս շլացնող սպիտակ հարթությունները թուխ և ամայի դաշտի մեջ ներկայացնում էին մի արտաքո կարգի տեսարան։ Յուրաքանչյուր տարի այս սալինայից ստացվում է մեծ քանակությամբ աղ, և պատրաստել էին հարյուրավոր տոնն կշիռ ունեցող աղի մի քանի կույտեր՝ արտահանելու համար։ Այս սալինաների վրա աշխատելու շրջանը Պատագոնեսի համար բերքահավաքի շրջան է համարվում, որովհետև այս վայրի բարեկեցությունը կախված է դրանից։ Գրեթե ամբողջ բնակչությունը տեղափոխվում է գետափը, և մարդիկ սայլերով քաշում դուրս են բերում աղը։ Այս աղը բյուրեղանում է մեծ խորանարդների ձևով և զարմանալիորեն մաքուր է։ Մր. Տրենհեմ Ռիքսն ինձ համար անալիզի է ենթարկել այս աղը և գտել է, որ նա պարունակում է միայն 0,26 գիպս և 0,22 հողային նյութեր։ Տարօրինակն այն է, որ նա այնքան նպատակահարմար չէ միսը պահպանելու համար, որքան Կանաչ Հրվանդանի կղզիների ծովի աղը, և Բուենոս Այրեսում մի առևտրական ինձ ասաց, որ իր կարծիքով այդ աղը հիսուն տոկոսով պակաս արժե։ Ուստի Կանաչ Հրվանդանի կղզիներից այստեղ ներմուծում են աղ, որը խառնում են տեղի սալինաներից ստացված աղի հետ։ Պատագոնիական այս աղի որակի ցածրության միակ պատճառը պետք է փնտրել նրա մաքրության կամ այլ աղային նյութերի բացակայության մեջ, նյութեր, որոնք գտնվում են բոլոր ծովային ջրերում։ Այս բացատրությունը շատ տարօրինակ է թվում, սակայն այդ հիմնվում է վերջերս ապացուցված այն փաստի վրա, որ այն աղերն են լավ պահպանում պանիրը, որոնք ամենից շատ են պարունակում հեշտ լուծվող քլորիդներ։[38]

Լճի եզրը կազմված է տղմից, որի մեջ գտնվում են գիպսի բազմաթիվ բյուրեղներ, որոնցից մի քանիսը ունեն մինչև երեք մատնաչափի հասնող երկարություն, իսկ մակերեսին ցրված են նատրիում սուլֆատի բյուրեղներ։ Առաջիններին գաուչոներն անվանում են «աղի հայր», իսկ վերջիններին՝ «մայր»։ Նրանք նշում են, որ այս նախածնող աղերը միշտ պատահում են սալինաների եզրերին, երբ ջուրն սկսում է գոլորշիանալ։ Տիղմը սև է և գարշահոտ։ Սկզբում ես չէի կարող հասկանալ այս գարշելի հոտի պատճառը, բայց հետագայում նկատեցի, որ փրփուրը, որը քամին կիտում էր եզրերին, ներկված էր կանաչ գույնով, կարծեք թե այդ առաջացել էր ջրիմուռներից (Confervae)։ Փորձեցի այս կանաչ նյութից քիչ տանել տուն, բայց որոշ դիպվածով ինձ չհաջողվեց այդ։ Լճի որոշ մասեր, քիչ հեռվից դիտելիս, երևում էին կարմրագույն, և այս թերևս արդյունք էր որոշ ինֆուզորային մանր կենդանիների։ Շատ տեղերում ցեխը դուրս էր ձգվել զանազան տեսակի բազմաթիվ օղակավոր որդերի միջոցով։ Որչա՜փ զարմանալի է գտնել կենդանիներ, որոնք կարող են ապրել այդ աստիճանի աղի ջրի մեջ և սողալ նատրիումի և կալցիումի սուլֆատների բյուրեղների մեջ։ Իսկ ի՞նչ է լինում այս որդերի վիճակը երկար ամառը, երբ լճի մակերեսը վերածվում է աղային պինդ շերտի։ Այս լճում ապրում են բազմաթիվ ֆլամինգոներ և բազմանում այստեղ։ Ամբողջ Պատագոնիայում, Հյուսիսային Չիլիում և Գալապագոսի կղզիներում ես հանդիպում էի այս թռչուններին այնպիսի վայրերում, որտեղ գտնվում էին աղի լճեր։ Ես տեսնում էի, թե ինչպիսի դժվարությամբ էին շրջում դես ու զենք տղմի մեջ սնունդ ձեռք բերելու համար։ Հավանորեն նրանք փնտրում էին որդեր, որոնք թաղվում, թաքնվում են տղմի մեջ. իսկ այս վերջիններն էլ հավանորեն սնվում են ինֆուզորիաներով կամ ջրիմուռներով։ Այսպիսով մենք ունենք մի փոքր օրգանական աշխարհ՝ ամփոփված այս փոքր լճերի մեջ, հարմարված այս կղզիացած աղուտ լճերի պայմաններին։

Ասում են,[39] որ Լիմինգտոնի աղի լճերում ապրում է անհաշիվ թվով խեցավոր կենդանու մի փոքր տեսակ (Cancer salinus), և նա գտնվում է այն լճերում, որտեղ ջրի գոլորշիացումից աղի խտությունը հասնում է զգալի չափի, որտեղ յուրաքանչյուր պինտ (մոտ կես լիտր) ջուր պարունակում է մեկ քառորդ ֆունտ աղ։ Այսպիսով մենք կարող ենք վստահորեն ասել, որ աշխարհի յուրաքանչյուր մաս բնակելի է։ Ե՛վ աղի լճերում և՛ ստորերկրյա ջրերում, որոնք գտնվում են հրաբխային լեռների տակ, և՛ հանքային տաք աղբյուրներում և՛ օվկիանոսի լայնատարած և խորը տեղերում կամ մթնոլորտի վերին շերտերում, մինչև անգամ հավերժական ձյան մակերեսի վրա ամենուրեք մենք հանդիպում ենք օրգանական էակների։

Ռիո Նեգրոյից դեպի հյուսիս, նրա և Բուենոս Այրեսի մոտ գտնվող բնակելի վայրի միջև սպանացիներն ունեն միայն մի փոքրիկ գաղութ, որը վերջերս հաստատվել է Բահիա Բլանկայի մոտ։ Ուղիղ գծով նրանից մինչև Բուենոս Այրեսի հեռավորությունը կլինի մոտավորապես հինգ հարյուր անգլիական մղոն։ Թափառաշրջիկ ձիավոր հնդիկ ցեղերը, որոնք միշտ գրավել են այս երկրի մեծ մասը, վերջին ժամանակները խիստ նեղում են հեռուներն ընկած ֆերմաները։ Բուենոս Այրեսի կառավարությունը վերջերս գեներալ Ռոսասի առաջնորդությամբ սպառազինել է մի բանակ՝ այս հնդիկներին ոչնչացնելու համար։ Զորամասերը գտնվում էին Կոլորադոյի ափերին, մի գետ, որը գտնվում է Ռիո Նեգրոյից ութսուն մղոն հյուսիս։ Դուրս գալով Բուենոս Այրեսից՝ գեներալ Ռոսասն ուղղակի անցավ չհետազոտված հարթություններով, և որովհետև նրա անցած տեղերում երկիրը բավականին մաքրված էր հնդիկներից, նա իր հետևում թողնում էր իրարից բավականին հեռու զինվորների փոքր խմբեր, ձիերով միասին (posta), որպեսզի հնարավոր լիներ մայրաքաղաքի հետ հաղորդակցություն պահպանելը։ Որովհետև «Բիգլ»-ը մտադիր էր այցելել Բահիա Բլանկա, ես որոշեցի գնալ այնտեղ ցամաքային ճանապարհով և վերջապես ծրագրեցի ամբողջ ճանապարհը, մինչև Բուենոս Այրես, անցնել այդ պոստերի գծով։

Օգոստոսի 11.— Այդ ճանապարհորդության ժամանակ ինձ ընկերակցում էին մր. Հարիսը՝ մի անգլիացի, որն ապրում էր Պատագոնեսում, մի ուղեկցող և հինգ գաուչո, որոնք գործով շտապում էին դեպի բանակը։ Կոլորադոն, ինչպես արդեն ասել եմ, գտնվում էր այդտեղից մոտավորապես ութսուն մղոն հեռու, և որովհետև մենք այնքան էլ արագ չէինք գնում, մեր ճանապարհորդությունը տևեց երկու և կես օր։ Այդ ամբողջ տարածությունը հազիվ թև արժանի լիներ ավելի հարմար մի կոչում ունենալու, քան այն, որ տրվում է անապատներին։ Ջուր գտնվում է միայն երկու փոքր ջրհորներում։ Այդ հորի ջրերն այստեղ համարվում են թարմ ջրեր, բայց մինչև անգամ տարվա այս անձրևային եղանակին կատարյալ աղի էին։ Ամառն այս ճանապարհը պետք է մի դժվարին և տանջող ճանապարհ լինի, որովհետև նա այժմ էլ բավականին ամայի էր։ Ռիո Նեգրոյի հովիտն իր լայնությամբ բացվում է զուտ ավազաքարային հարթավայրի մեջ, որովհետև հենց նրա ափից անմիջապես սկսվում է մի հարթ երկիր, որի վրա կառուցված է քաղաքը, և որն ընդհատվում է միայն մի քանի փոքր հովիտներով և փոսերով։ Երկիրն այստեղ ամենուրեք կրում է միևնույն անբերրի և չոր տեսքը։ Այսպիսի չոր և խճավոր հողը կարող է տալ միայն խոտի դեղնավուն խորշոմած փնջեր և փշերով պատած ցածր թփուտներ։

Առաջին աղբյուրն անցնելուց քիչ հետո մենք տեսանք մի հռչակավոր ծառ, որին հնդիկները մեծարում են որպես Ուալիխուի սրբավայրը։ Նա գտնվում է հարթավայրի բարձր մասի վրա, որի շնորհիվ նա երևում է բավականին հեռավոր վայրերից։ Հենց որ հնդիկները տեսնում են այդ ծառը, նրանք բարձր աղաղակներով մատուցում են իրենց երկրպագությունները։ Ծառն այնքան բարձր չէ, բայց չափազանց ճյուղավորված է և փշոտ։ Հենց արմատներից անմիջապես վերև նրա տրամագիծը երեք ոտնաչափից չի անցնում։ Նա բարձրանում է որպես մի առանձին ծառ և ոչ մի հարևան չունի, և իսկապես մեզ համար էլ նա հանդիսանում էր առաջինը։ Հետագայում հանդիպեցինք միևնույն տեսակի մի քանի այլ ծառերի ևս, բայց ընդհանրապես նրանք թվով շատ քիչ էին։ Որովհետև մեր հանդիպելու ժամանակը ձմեռ էր, նա տերևներ չուներ, բայց տերևներին փոխարինում էին անհաշիվ թելեր, որոնցից կախված էին զանազան նվերներ, ինչպես՝ սիգարներ, հաց, միս, շորի կտորներ և այլն։ Աղքատ հնդիկները չունենալով մի հարմար բան՝ իրենց գոգնոցներից (պոնչո) քաշում են մի թել և կապում ծառից։ Հարուստ հնդիկները մի որևէ ծակից լցնում են ոգելից խմիչքներ և մաթե, ինչպես և ծառի տակից ծխում են դեպի վեր, կարծելով, որ այդպիսով Ուալիխուին ճաշակել կտան բոլոր հնարավոր հաճույքները։ Տեսարանը լրիվ անելու համար հիշատակենք և այն, որ ծառը շրջապատված էր ձիերի սպիտակ ոսկրներով։ Ձիերն այնտեղ մորթել էին որպես զոհաբերություններ։ Բոլոր հնդիկներն էլ, ամեն տարիքի և սեռի, մատուցում են իրենց նվիրատվությունները։ Այս անելով, նրանք մտածում են, որ իրենց ձիերը չեն հոգնի, իսկ իրենց բոլոր գործերում հաջողություն կունենան։ Այս բաներն ինձ պատմող գաուչոն ասում էր, որ խաղաղ ժամանակ նա ականատես է եղել այսպիսի մի տեսարանի և իր մյուս ընկերների հետ սպասել մինչև հնդիկների հեռանալը, որպեսզի Ուալիխուից գողանան նվերները։

Գաուչուները կարծում են, որ հնդիկների համար ծառն աստված է, բայց ավելի հավանական է թվում այն, որ նրանք այս համարում են որպես սրբավայր։ Իմ կարծիքով՝ այս ընտրության միակ պատճառն այն է, որ այդպիսի մի վտանգավոր ճանապարհի համար նա ծառայում է որպես ուղենիշ։ Սիերա դե լա Վենտանան երևում է ահագին հեռավորությունից։ Մի գաուչո պատմում էր ինձ, որ երբ մի անգամ նա մի հնդիկի հետ ձիով անցնում է Ռիո Կոլորադոյից, մի քանի մղոն հյուսիսից հնդիկն սկսում է միևնույն բացագանչությունները. նրանց համար սովորական է այդ, երբ առաջին անգամ տեսնում են սուրբ ծառը. հնդիկը ձեռքը նախ դնում է գլխին և ապա ուղղում Սիերայի ուղղությամբ։ Երբ նրան հարցնում է գաուչոն, թե ի՞նչ է նշանակում այդ, հնդիկը պատասխանում է կոտրատված սպաներենով՝ «առաջին տեսնելը Սիերան»։ Այս հետաքրքրական ծառից վեց փարսախ անցնելուց հետո մենք կանգ առանք գիշերելու համար։ Այդ նույն պահին սրաչյա գաուչոները դիտում էին մի դժբախտ կովի, որի հետևից ընկնելով, մի քանի րոպեից հետո բռնեցին նրան իրենց լասոներով և քաշեցին, բերին մորթեցին։ Այստեղ մենք ունեինք „en el campo” (դաշտի) կյանքի համար չորս անհրաժեշտ պայմանները — արոտատեղ ձիերի համար, ջուր (թեև տղմոտ), միս և վառելու փայտ։ Գաուչոների տրամադրությունը շատ բարձր էր, որովհետև նրանք ունեին այս բոլոր զեխությունները։ Մենք իսկույն ևեթ սկսեցինք աշխատել խեղճ կովի վրա։ Այդ առաջին գիշերն էր, որ ես անցկացնում էի բաց երկնքի տակ՝ որպես անկողին գործածելով ձիու թամբի տապճակը։ Գաուչոյի անկախ կյանքի մեջ կա մեծ երջանկություն։ Նա կարող է որևէ մոմենտ կանգնեցնել ձիդ և ասել՝ «այստեղ ենք անցկացնելու գիշերը»։ Այդ հարթավայրերի մեռելային լռությունը, արթուն պահապան շները, գաուչոների գնչուական խմբերի նման անկողիններ պատրաստելը կրակի շուրջը, իմ մտքում այդ առաջին գիշերից այնպիսի ուժեղ պատկերներ են թողել, որ երբեք չեն մոռացվելու։

Հաջորդ օրը վայրի բնույթը մնաց նույնը։ Թռչուններ կամ այլ կենդանիներ այստեղ շատ քիչ կան։ Երբեմն պատահում են եղջերուներ կամ գուանակոներ (վայրի լամա), բայց այստեղի ամենատարածված չորքոտանին ագուտին (Cavia Patagonica) է։ Այս կենդանին համապատասխանում է մեր նապաստակներին։ Սակայն նա այդ սեռից տարբերվում է մի շարք էական կողմերով, օրինակ՝ նա (ագուտին) հետևի ոտներին ունի միայն երեք մատ։ Բացի այդ, նա ծավալով էլ գրեթե երկու անգամ մեծ է մեր նապաստակներից, ունենալով քսանից—քսանհինգ ֆունտ[40] քաշ։ Ագուտին անապատի իսկական բնակիչն է, և այդ տեղերում սակավ չեն հանդիպում նրանցից երկուսը կամ երեքը միասին, որոնք իրար հետևից ուղիղ գծով արագ ցատկոտելով անցնում են այս ամայի հարթավայրերով։ Նրանք տարածված են դեպի հյուսիս մինչև Սիերա Տապալգուենը (37°30՛ լայնություն), որից այն կողմ հարթավայրը միանգամից դառնում է կանաչ և խոնավ, իսկ նրանց հարավային սահմանը Պորտ Դեզիրեն և Սեն Խուլիանն են, որտեղ վայրն իր բնույթով շատ միապաղաղ է։ Զարմանալի է այն, որ թեև այժմ ագուտիներ չկան Պորտ Սեն Խուլիանից հարավ, այնուամենայնիվ կապիտան Վուդը 1670 թվին կատարած իր ճանապարհորդության մեջ խոսում է Պորտ Սեն Խուլիանում նրանց շատ լինելու մասին։ Ի՞նչպիսի պատճառ կարող էր փոխել լայնատարած, անբնակ և շատ քիչ այցելություններ ունեցած մի երկրում այսպիսի մի կենդանու տարածումը։ Պորտ Դեզիրեում կապիտան Վուդի մի օրում սպանած այդ կենդանիների թիվը ցույց է տալիս, որ նրանք պետք է այն ժամանակ շատ ավելի առատ լինեին այնտեղ, քան այժմ։ Որտեղ որ ապրում են վիսկաշաները և շինում իրենց բները, ագուտիներն օգտագործում են այդ բները։ Իսկ որտեղ որ վիսկաշաներ չկան, ինչպես, օրինակ, Բահիա Բլանկայում, ագուտիներն իրենք են շինում իրենց բները։ Նույն բանը կատարվում է նաև պամպասների փոքրիկ բվի (Athene cunicularia) հետ, որը մի քանի անգամ նկարագրված է, թե ինչպես պահակի նման կանգնում է բնի բերնին, իսկ Բանդա Օրիենտալում վիսկաշայի բացակայության պատճառով նա ստիպված է լինում ինքը փորել իր բնակարանը։

Հաջորդ առավոտը, որքան մոտենում էինք Ռիո Կոլորադոյին, այնքան երկրի տեսքը փոխվում էր։ Շուտով մենք եկանք կանաչ գորգերով ծածկված մի հարթավայր, որն իր ծաղիկներով, բարձրացած առվույտով և փոքրիկ բվերով նման էր պամպասի։ Մենք անցանք նաև մի բավականին ընդարձակ և տղմոտ ճահիճ, որն ամառը չորանում է և ծածկվում զանազան աղերից կազմված կեղևով, այդ պատճառով էլ նա կոչվում է „Salitral”։[41] Նա ծածկված էր այնպիսի ցածր, սուկուլենտ (հյութառատ) բույսերով, որոնք սովորաբար աճում են ծովափերին։ Կոլորադոյի լայնությունը մեր անցած տեղում հազիվ վաթսուն յարդ լինի։ Ընդհանրապես նա պետք է ունենա այդ լայնության կրկնակին։ Նրա ընթացքը վերին աստիճանի ոլորապտույտ է, որը նկատվում է ափերին բուսած եղեգների և ուռենիների միջոցով։ Ասում են, որ մինչև գետաբերանն ուղիղ գծով իննը փարսախ[42] է, իսկ հոսանքով՝ քսանհինգ։ Մենք ուշացանք նավակներով գետն անցնելիս, որովհետև այդ ժամանակ լողալով գետն էին անցնում մի քանի հարյուր մատակ ձի. նրանց տանում էին երկրի խորքերում գտնվող զորամասերին։ Ես երբեք չեմ դիտել ավելի զվարճալի տեսարան, քան կանգնեցրած ականթներով, լարված և փնչացող քթերով հարյուրավոր գլուխներ, որոնք բոլորն էլ ուղղված են միևնույն կողմը և ջրի երեսին երևում են երկակենցաղ կենդանիների բազմության նման։ Արշավախմբերի ժամանակ զինվորների միակ սնունդը կազմում է մատակ ձիու միսը։ Այս բանը մեծ նշանակություն ունի բանակի շարժման և տեղափոխության տեսակետից, որովհետև այս հարթավայրերում ձիու մի օրվա անցած ճանապարհը հասնում է ապշեցուցիչ չափերի։ Ինձ հավատացնում էին, որ չբեռնավորված ձին կարող է օրական հարյուր մղոն ճանապարհ անցնել և այդ շարունակել մի քանի օր անընդհատ։

Գեներալ Ռոսասի բանակատեղին գտնվում էր գետին շատ մոտիկ։ Այդ ներկայացնում էր մի քառանկյունի հրապարակ, որը կազմված էր կառքերից, արտիլերիայից, ծղնոտներից շինած հյուղակներից և այլն։ Զինվորները գրեթե բոլորը հեծյալներ էին, և ևս կարծում եմ, որ այդ աստիճանի նողկալի, բանդիտանման բանակ երբևիցե մինչ այդ չի հավաքվել մի տեղ։ Մարդկանց մեծ մասը ծագումով ներկայացնում էին հնդիկի, նեգրի և սպանացու խառնուրդ։ Չգիտեմ, թե ինչո՛ւ այսպիսի ծագում ունեցող մարդիկ հազվադեպ են արտաքնապես ունենում բարյացակամ տեսք։ Գնացի քարտուղարի մոտ՝ իմ անցագիրս ցույց տալու համար։ Նա սկսեց ծանրաբարո և խորհրդավոր կերպով ինձ ենթարկել հարցուփորձի։ Բարեբախտաբար ինձ մոտ կար մի հանձնարարական Բուենոս Այրեսի[43] կառավարությունից, որն ուղղված էր Պատագոնեսի հրամանատարին։ Այս նամակը տարան գեներալ Ռոսասին, գեներալ Ռոսասն ինձ շատ քաղաքավարի պատասխան էր ուղարկել, որից հետո քարտուղարը լցված էր սիրալիրությամբ և քաղցր ժպտով։ Որպես բնակարան վերցրինք մի հետաքրքիր և ծեր սպանացու ռանչո (rancho) կամ հյուղակ. այս սպանացին եղել էր Նապոլեոնի բանակում՝ դեպի Ռուսաստան կատարած արշավանքի ժամանակ։

Կոլորադոյում մնացինք երկու օր. այդտեղ ինձ շատ բան չկար անելու, որովհետև շրջապատը ներկայացնում էր մի ճահիճ, որը ամառը (դեկտեմբերին), երբ ձյունը հալչում է Կորդիլյերների վրա, հեղեղվում է գետերից։ Իմ գլխավոր զվարճությունը հնդիկ ընտանիքները դիտելն էր, որոնք գալիս էին մեր բնակած ռանչոն՝ մանրուքներ գնելու համար։ Ենթադրվում էր, որ գեներալ Ռոսասն ունի մոտ վեց հարյուր հնդիկ դաշնակիցներ։ Այդ մարդիկ բարձրահասակ էին և գեղեցիկ։ Հետագայում Հրո Երկրի վայրենիների մոտ հեշտ էր նկատել միևնույն կերպարանքը, որը ցրտի, սննդի կարիքին քաղաքակրթության բացակայության հետևանքով սոսկալի այլանդակվել էր։ Մի շարք հեղինակներ մարդկային ցեղերը որոնելիս այս հնդիկներին բաժանում են երկու դասի, բայց, իհարկե, այս ճիշտ չէ։ Նրանց երիտասարդ կանանց կամ չինասներից մի քանիսին կարելի էր մինչև անգամ գեղեցկուհիներ համարել։ Նրանց մազերը կոշտ էին, բայց պայծառ և սև, և նրանք իրենց մազերը հյուսում էին երկու հյուսերով և կախում հետևից՝ մինչև մեջքը։ Նրանց դեմքի գույնը թարմ էր և կարմիր, իսկ աչքերը շողում էին պայծառությամբ։ Նրանց սրունքները, ոտքերը և բազուկները փոքր էին և ունեին նուրբ կազմություն։ Ոտքերը և երբեմն էլ նրանց մեջքերը զարդարված էին կապույտ հուլունքներից պատրաստած ապարանջաններով։ Ոչ մի բան այնքան հետաքրքրական չէր, որքան ընտանեկան խմբերը։ Մի մայր իր մեկ կամ երկու աղջիկներով հաճախ գալիս էր մեր ռանչոն՝ բոլորը միասին հեծած լինելով միևնույն ձին։ Նրանք այնպես են ձի հեծնում, ինչպես տղամարդիկ, բայց իրենց ծնկներն անհամեմատ ավելի բարձր են պահում։ Այս սովորությունն առաջացել է գուցե նրանից, որ ճանապարհորդության ժամանակ նրանք շարունակ հեծնելով բեռնված ձիեր՝ այդպես են վարժվել։ Կանանց պարտականությունը ձի բեռնել կամ բեռներն իջեցնելն է, գիշերելու համար վրան պատրաստելը, մի խոսքով՝ նրանք պետք է լինեն այնպես, ինչպես բոլոր վայրենիների կանայք, նրանք պետք է լինեն օգտակար ստրկուհիներ։ Տղամարդիկ զբաղվում են կռվով, որսով, ձիերը պահելով և հեծնելու սարք պատրաստելով։ Նրանց ներսի գլխավոր զբաղմունքներից մեկը երկու քարեր իրար քսելն է՝ մինչև նրանք կատարելապես կլորանան. այդ քարերից նրանք բոլաներ են պատրաստում։ Այս կարևոր զենքով հնդիկը բռնում է իր որսը, ինչպես և իր ձին, որն ազատ թափառում է հարթավայրերում։ Կռվի ժամանակ նա ամենից առաջ փորձում է բոլայով գետին գլորել իր հակառակորդի ձին, և երբ ընկնելիս թշնամին շփոթվում կամ բռնվում է կապերից, նա սպանում է նրան չուսոյով։ Եթե գնդակները կպչում են միայն կենդանու մարմնին կամ վզին, այդ դեպքում հաճախ կենդանին իր հետ տանում է նրանց և կորցնում։ Որովհետև քարերը կլորացնելը երկու օրվա աշխատանք է, ուստի գնդակների արտադրությունն այստեղ մի հիմնական և սովորական զբաղմունք է։ Մարդկանցից և կանանցից մի քանիսն իրենց դեմքերը ներկել էին կարմիր գույնով, բայց երբեք չտեսա այստեղ այն հորիզոնական երիզները, որոնք շատ սովորական են Հրո Երկրի բնակիչների մոտ։ Նրանք հատկապես հպարտանում են, երբ նրանց գործածած իրերը պատրաստված են արծաթից։ Մի կասիկի կոշկի խթանը, ձիու թամբի ասպանդակը, դանակի կոթը և սանձը պատրաստված էին այս մետաղից. շրթների կապը և սանձը, որոնք պատրաստված էին մետաղաթելից, հազիվ թե լինեին մտրակի թելի չափ հաստ, և այդ կրակոտ նժույգների շրջումն աջ ու ձախ՝ այդպիսի թեթև շղթայի հրամանի տակ, հեծվորին տալիս էր վերին աստիճանի վայելուչ տեսք։

Գեներալ Ռոսասը ցանկություն էր հայտնել տեսնել ինձ. մի հանգամանք, որի համար ես հետագայում շատ ուրախ եղա։ Նա արտաքո կարգի նկարագրի տեր մարդ է և երկրում ունի վերին աստիճանի գերակշիռ ազդեցություն, որը հավանորեն նա ի սպաս կբերի այդ երկրի բարգավաճման և զարգացման համար։[44] Ասում են, որ նա ունի յոթանասունչորս քառակուսի փարսախ կալվածք և մոտավորապես երեքհարյուր հազար խոշոր եղջերավոր անասուն։ Նրա կալվածները կառավարվում են զարմանալիորեն լավ և հացահատիկի անհամեմատ ավելի բարձր բերք են տալիս, քան մի այլ կալվածք։ Ամենից առաջ նա իր հռչակը ձեռք է բերել իր ֆերմաների համար մշակած օրենքներով և այնպես լավ կարգապահ է դարձրել մի քանի հարյուր մարդու, որ հաջողությամբ են ետ մղում հնդիկների հարձակումները։ Շատ պատմություններ են պատմում նրա այն խիստ մեթոդների մասին, որոնցով նա իրագործում է իր օրենքները։ Այդ օրենքներից մեկը կիրակի օրը դանակ կրելն արգելելն էր, օրինազանցներին ենթարկելով ոտնակալի պատժի։ Այդ օրը (կիրակին) գլխավորապես խաղերի և խմելու հարբեցողության օր լինելով, ավելի շատ անախորժություններ կարող էին տեղի ունենալ, որի ժամանակ դանակով կռվելու ընդհանուր սովորության համեմատ՝ հաճախ հետևանքը դժբախտությունն էր լինում։ Մի կիրակի օր նահանգապետը մեծ շուքով այցելում է այս էստանսիան, և գեներալ Ռոսասն աճապարանքով վազում է նրան դիմավորելու համար՝ դանակը սովորականի պես գոտում խրած։ Սպասավորապետը բռնում է նրա թևը և հիշեցնում նրան այդ օրենքի մասին և այդ ժամանակ գեներալ Ռոսասը դառնալով նահանգապետին՝ ասում է, որ ինքը չափազանց ցավում է ասելու, որ ենթարկվելու է ոտնակալի պատժի և մինչև այնտեղից դուրս գալն իրավունքից զուրկ է մինչև անգամ իր տանը։ Կարճ ժամանակից հետո սպասավորապետին համոզում են, որ նա բաց անի ոտնակալները և ազատի գեներալ Ռոսասին, բայց հենց որ նա դուրս է գալիս ոտնակալներից, դառնում է դեպի սպասավորապետը և ասում. «Դու այժմ խախտել ես ընդհանուր. օրենքը, ուստի պետք է փոխարինես ինձ ոտնակալներում»։ Նման վերաբերմունքն ուրախացնում էր գաուչոներին, որոնք բոլորն էլ չափազանց հարգում են իրենց հավասարությունն ու արժանապատվությունը։

Գեներալ Ռոսասը միաժամանակ լավ ձիավար է, և այդ հատկությունը պակաս նշանակություն չունի մի այնպիսի երկրում, որտեղ կռվողներն իրենց կռվի առաջնորդին ընտրում են հետևյալ ձևով. մի խումբ չվարժեցրած և անզուսպ ձիեր քշում են կորալը և այնտեղից դուրս են թողնում մի դարպասից, որի վերևը գտնվում է հակուղիղ մի ձող։ Ըստ պայմանի, ով իրեն այդ ձողից գցի այս վայրի կենդանիներից մեկն ու մեկի վրա, երբ վերջիններս արագ դուրս են վազում կորալից, և կարողանա առանց թամբի կամ սանձի ոչ միայն հեծնել նրան, այլ և նրան ետ բերել դեպի կորալի դուռը, նա կլինի նրանց գեներալը։ Ով այս կատարեր հաջողությամբ, նա էլ կընտրվեր, և անկասկած նա կլիներ այսպիսի մի բանակի համար հարմար գեներալ։ Այս արտաքո կարգի ճարպկությունը ներկայացրել է նաև գեներալ Ռոսասը։

Այս միջոցներով և գաուչոների հետ սովորությունների և շորի համաձևությամբ նա երկրում ձեռք է բերել անսահման ժողովրդականություն, հետևաբար և միահեծան ուժ։ Մի անգլիացի առևտրական ինձ պատմեց հետևյալ պատմությունը. մի մարդ սպանում է մի ուրիշ մարդու։ Երբ ձերբակալվում է մարդասպանը և ենթարկվում հարցաքննության, պատասխանում է. «Նա գեներալ Ռոսասի հասցեին անբարեկիրթ բաներ ասաց, դրա համար էլ ես սպանեցի նրան»։ Մի շաբաթ հետո մարդասպանն ազատ է արձակվում։ Անկասկած այս վերաբերմունքը պետք է վերագրել գեներալի համախոհներին և ոչ գեներալին իրեն։

Խոսակցության մեջ նա էնտուզիաստիկ է (խանդավառ), զգայուն և վերին աստիճանի ծանրաբարո։ Նրա լրջությունը հասնում է ծայրահեղ աստիճանի։ Նրա ծաղրածուներից մեկը (նա հին ժամանակի բարոնների նման պահում է երկու ծաղրածու) ինձ պատմեց հետնյալ անեկդոտը. «Մի անգամ ես շատ էի ուզում լսել որոշ երաժշտություն, ուստի երկու-երեք անգամ դրա համար գնացի գեներալի մոտ։ Նա ասաց ինձ՝ «գնա՛ քո գործին, ես զբաղված եմ»։ Երկրորդ անգամ գնացի. նա ասաց՝ «եթե մեկ էլ գաս, քեզ կպատժեմ»։ Երրորդ անգամ խնդրելիս նա ծիծաղեց։ Ես դուրս վազեցի վրանից, բայց արդեն ուշ էր. նա հրամայեց երկու զինվորների բռնել ինձ և կապել ցցերին։ Ես նրան աղաչեցի երկնքի բոլոր սրբերի անունից ինձ ազատ թողնելու, բայց այդ չօգնեց.— երբ գեներալը ծիծաղում է, նա ոչ խենթին է խնայում, ոչ խելոքին»։ Խեղճ թռվռուն մարդը երբ վերհիշեց այդ պատիժը, կատարելապես տխրեց։ Այս մի վերին աստիճանի դաժան պատիժ է. չորս ցից են անկում գետնի մեջ, և մարդը հորիզոնական դիրքով, ամեն մի ձեռն ու ոտը մի ցցի կապած՝ մի քանի ժամ մնում է տարածված։ Պատժի այս ձևը ծագում է անասունների մորթիները չորացնելու եղանակից, որը կատարվում է նույն ձևով։ Իմ տեսակցությունն անցավ առանց որևէ ժպտի, և ես նրանից ստացա մի անցագիր և հրամաններ համապատասխան զորակայաններից ձիեր ստանալու համար, և այս նա տվեց ինձ վերին աստիճանի պարտավորիչ և պատրաստակամ ձևով։

Առավոտյան ուղևորվեցինք դեպի Բահիա Բլանկա, ուր հասանք երկու օրից հետո։ Թողնելով սովորական բանակատեղին՝ մենք անցանք հնդիկների տոլդոների (հյուղակ) մոտով։ Սրանք կլոր են, ինչպես հնոցը, և ծածկված են մորթիներով։ Յուրաքանչյուր հյուղակի բերանի մոտ գետնին տնկված էր մի սրածայր չուսո։ Այդ հյուղակները բաժանվում էին առանձին խմբերի, որոնք պատկանում էին տարբեր կասիկների ցեղերին, իսկ խմբերն իրենց հերթին բաժանված էին ավելի փոքր խմբերի ըստ բնակիչների ազգակցական կապերի։ Մի քանի մղոն անցանք Կոլորադո գետահովտի երկայնքով։ Ափերի հեղեղվող հարթավայրերն արտաքնապես արգավանդ էին երևում, և ենթադրում են, որ այս մասերը շատ հարմար են հացահատիկային բույսեր մշակելու համար։ Դառնալով գետից դեպի հյուսիս՝ շուտով մենք մտանք մի երկիր, որը տարբերվում էր գետի հարավում գտնվող հարթավայրերից։ Չոր և անբերրի երկիրը դեռ շարունակվում էր, բայց այդտեղ կային բազմապիսի բույսեր, և կանաչ խոտը, թեև թուխ և խորշոմած, շատ ավելի առատ էր, և փշոտ մացառներն էլ ավելի քիչ։ Այս վերջիններս փոքր տարածությունից հետո բոլորովին չքացան, և հարթավայրերը մնացին առանց որևէ թփուտի և մերկ։ Բուսականության այս փոփոխությանը նշում է մեծ կրակավային նստվածքների սկիզբը, որը կազմում է պամպասների լայն տարածությունը և ծածկում է Բանդա Օրիենտալի գրանիտային ապառները։ Մագելլանի նեղուցից մինչև Կոլորադո, մոտ ութ հարյուր մղոն տարածություն, երկրի երեսն ամենուրեք կազմված է մանր խճերից, այս խճերը մեծ մասամբ պորֆիրից են և հավանորեն առաջացել են Կորդիլյերների ժայռերի բեկորներից։ Կոլորադոյից հյուսիս այս շերտը հետզհետե բարականում է, իսկ խճերը վերին աստիճանի փոքրանում են, և այստեղ էլ վերջանում է Պատագոնիայի բնորոշ բուսականությունը։

Մոտ քսանհինգ մղոն ձիով անցնելուց հետո եկանք ավազաթմբերի մի լայն գոտի, որը տարածվում է դեպի արևելք և արևմուտք այնքան հեռու, որքան աչքը կարող է տեսնել։ Ավազաբլրակները տարածվելով կավի վրա, հնարավոր են դարձնում հավաքվող ջրերից փոքրիկ լճակներ կազմվելը, և այսպիսով այս չոր երկրում առաջացնում են անգնահատելի թարմ ջրի պաշար։ Հաճախ մենք չենք կարող հիշել այն մեծ առավելությունը, որ առաջանում է երկրի մակերեսի անհավասարությունից, այսինքն բարձրություններից և ցածրություններից։ Ռիո Նեգրոյից մինչև Կոլորադո ընկած այդ երկար ճանապարհի վրա գոյություն ունեցող երկու ողորմելի աղբյուրները հետևանք են այդ հարթավայրերի չնչին անհարթությունների. առանց այդ անհարթությունների հնարավոր չէր լինի գտնել և ոչ մի կաթիլ ջուր։ Ավազաթմբերի գոտին անի մոտավորապես ութ մղոն լայնություն. հավանորեն հին ժամանակներում նա կազմել է մի մեծ էստուարի (գետաբերան) եզրը, որտեղից այժմ հոսում է Կոլորադոն։ Այս շրջանում, որտեղ հանդիպում են ցամաքի վերջին ժամանակների բարձրացման բացարձակ ապացույցների, այսպիսի տեսակետները չեն կարող զանց առնվել որևէ մեկի կողմից, մինչև անգամ եթե սոսկ նկատի առնվի այս երկրի ֆիզիկական աշխարհագրությունը։ Անցնելով ավազային տարածությունը՝ երեկոյան ժամանեցինք կայաններից մեկը. և որովհետև ձիերն արածում էին բավականին հեռվում, մենք որոշվեցինք գիշերել այդտեղ։

Այդ կայանի տունը գտնվում էր մեկից երկու հարյուր ոտնաչափ բարձրություն ունեցող մի բլրաշարքի տակին. այս շատ նշանակալի է այս երկրի համար։ Այս կայանը կամ պոստը գտնվում էր Աֆրիկայում ծնված մի նեգր լեյտենանտի հսկողության տակ։ Ի պատիվ նրան պետք է ասել, որ Բուենոս Այրեսից մինչև Կոլորադո ոչ մի ռանչո (հյուղակ) չկար, որ իր հարմարությամբ և կոկիկությամբ համեմատվեր այստեղի հետ։ Նա օտարականների կամ հյուրերի համար պատրաստել էր մի փոքրիկ սենյակ, իսկ ձիերի համար՝ մի փոքրիկ կորալ։ Այդ բոլորը շրջապատված էր փայտի ձողերով և եղեգներով։ Նա իր տան շրջապատում փորել-պատրաստել էր մի խրամատ՝ հարձակումներից պաշտպանվելու համար։ Այս, իհարկե, քիչ նշանակություն կունենար, եթե հնդիկները հարձակվեին բայց նրա գլխավոր նպատակն այս դեպքում իր կյանքը թանգ ծախելն էր։ Մի քանի օր առաջ հնդիկների մի խումբ գիշերով անցել էր այդ տան մոտերքով։ Եթե նրանք իմանային այդ կայանի մասին, անկասկած մեր նեգր բարեկամը և իր չորս զինվորները սպանված կլինեին։ Ոչ մի տեղ ես չհանդիպեցի ավելի քաղաքավարի և ավելի պարտավորիչ մարդու, քան այս նեգրն էր, ուստի և շատ ավելի ցավալի էր տեսնել, թե ինչպես ուտելու ժամանակ նա մեզ հետ չէր նստում ճաշի։

Առավոտյան շատ վաղ բերել տվինք մեր ձիերը և ուրախ-զվարթ, քառատրոփ մեկնեցինք դեպի մյուս կայանը։ Մենք անցանք Կաբեսա դել Բուեյը. այս մի հին անուն է՝ տրված մի մեծ ճահճի սկզբին, որն սկսվում է Բահիա Բլանկայից։ Այստեղ նորից փոխեցինք մեր ձիերը և մի քանի փարսախ տարածություն անցանք եղեգնուտների և աղուտ ճահիճների միջով։ Վերջին անգամ վախելով մեր ձիերը՝ մենք նորից սկսեցինք ցեխի մեջ թաղվելով շարժվել առաջ։ Իմ ձին ընկավ, և ես լավ աղջրվեցի սև ճահճի մեջ — մի վերին աստիճանի անցանկալի պատահար, այն էլ այնպիսի ժամանակ, երբ փոխելու հագուստ չկա։ Բերդից մի քանի մղոն հեռու մենք հանդիպեցինք մի մարդու, որն ասաց մեզ, որ ինքը լսել է մի մեծ թնդանոթի կրակոց, որը նշան է հնդիկների մոտալուտ լինելուն։ Մենք իսկույն ևեթ թողինք ճանապարհը և սկսեցինք շարժվել եղեգնուտի կողքով, որը հալածվելու դեպքում փախուստի և թաքնվելու համար ամենահարմարն էր։ Մեծ էր մեր ուրախությունը, երբ հասանք բերդի պատերին, որտեղ իմացանք, որ այդ ամբողջ տագնապն իզուր է եղել, որովհետև այդ հնդիկները բարեկամ հնդիկներ են եղել և ցանկացել են միանալ գեներալ Ռոսասին։

Բահիա Բլանկան հազիվ թե արժանի լինի գյուղ կոչվելու։ Մի քանի տներ և զինվորների համար կառուցված բարակներ շրջապատված են մի խորը խրամատով և ամրացրած պատով։ Այդ գաղութը հիմնվել է վերջերս (1828 թվին), և նրա աճումը, զարգացումը մի դժվարին խնդիր է դարձել։ Բուենս Այրեսի կառավարությունը փոխանակ հետևելու սպանական փոխարքաների խելոք օրինակին, որոնք Ռիո Նեգրո հին գաղութի շրջապատի հողերը գնում էին հնդիկներից, անարդարացիորեն այդ տեղը գրավել էր բռնությամբ։ Այդ պատճառով էլ ստիպված էր ամրացնել գաղութը, սահմանափակել տների թիվը՝ չկարողանալով ընդարձակել պատերից դուրս գտնվող մշակվող հողի տարածությունը։ Մինչև անգամ անասունները բերդը շրջապատող հարթավայրից այն կողմ ազատ չէին հնդիկների հարձակումներից։

Նավահանգստի այն մասը, որտեղ «Բիգլ»-ը խարիսխ էր ձգելու, լինելով քսանհինգ մղոն հեռու, ես կոմենդանտից խնդրեցի ձիեր և մեկ ուղեկցող՝ գնալու և իմանալու, թե արդյոք նավը եկե՞լ էր, թե ոչ։ Սկզբում մենք անցնում էինք մի կանաչ հարթավայրով, որը տարածվում էր մի փոքր առվակի հոսանքի ուղղությամբ. այնուհետև մտանք մի ընդարձակ ամայի հարթավայր՝ կազմված ավազից, աղուտ ճահիճներից կամ սոսկ ցեխից։ Հարթավայրի որոշ մասերը ծածկված էին ցածր թփուտներով, իսկ մյուս մասերը՝ այնպիսի սուկուլենտ (հյութառատ) բույսերով, որոնք փարթամ աճում են այն վայրերում, որտեղ կա առատ աղ։ Թեև երկիրն այդքան վատ է, բայց ջայլամներ, եղջերուներ, ագուտիներ և զրահակիրներ գտնվում էին առատ քանակությամբ։ Իմ ուղեկցողն ինձ պատմեց, թե ինչպես երկու ամիս առաջ փախուստի միջոցով հազիվհազ ազատել էր իր կյանքը։ Նա ուրիշ երկու մարդկանց հետ դուրս էր եկել որսի դաշտի այդ մասից ոչ հեռու, երբ նրանք հանկարծակի հանդիպում են մի խումբ հնդիկների, որոնք ընկնելով իրենց հետևից՝ շուտով բռնում են իր երկու ընկերներին և սպանում։ Իր ձիու ոտներն էլ բռնվում են բոլայով, բայց նա ցատկում է ներքև և կտրատում բոլայի կապերն իր դանակով. այս անելիս նա ստիպվում է թաքնվել ձիու հետևը, և նրա շուրջը վազվզելիս հնդիկների չուսոներից ստանում է երկու ծանր վերք։ Ցատկելով թամբի վրա՝ նա զարմանալի ճարպկությամբ քառատրոփ վազեցնելով իր ձին՝ ազատվում է իր հալածողների նիզակներից, որոնք հետևում են նրան մինչև բերդի պատերի տակ։ Այդ օրից սկսած արգելվում է բերդից հեռու տեղեր թափառելը։ Երբ ես դուրս եկա բերդից, այդ բանի մասին ոչինչ չէի իմանում և զարմանքով դիտում էի, թե ինչպիսի լրջությամբ իմ ուղեկիցը նայում էր մի եղջերուի, որն, ըստ երևույթին, վախեցած էր հեռվում գտնվող մի ինչ-որ խմբից։

Պարզվեց, որ «Բիգլ»-ը դեռ չէր եկել, հետևաբար ետ դարձանք, բայց ձիերը շուտով հոգնելով՝ մենք ստիպված եղանք գիշերել դաշտում, բացօթյա։ Առավոտյան մենք բռնել էինք մի զրահակիր, որն իր վահանի մեջ խորովելիս կազմում է մի հրաշալի աման կերակուր, բայց երկու քաղցած մարդու նախաճաշի և ճաշի համար այնքան էլ գոհացուցիչ չէր։ Այնտեղ, որտեղ մենք իջել էինք գիշերելու, գետինը ծածկված էր նատրիում սուլֆատի շերտով, ուստի և, իհարկե, ջուր գոյություն ունենալ չէր կարող։ Այնուամենայնիվ մինչև անգամ այստեղ բազմաթիվ փոքր կրծողներ կարողանում են ապրել։ Տուկուտուկոն մինչև կես գիշեր իմ գլխի տակին հանում էր իր տքտքոցի նման փոքրիկ խռնչոցները։ Մեր ձիերը շատ վատ էին և առավոտյան շուտով ուժասպառ եղան, որովհետև ոչինչ չէին խմել, այնպես որ մենք ստիպված էինք քայլել։ Կեսօրին մոտ մեր շները բռնեցին մի փոքրիկ վայրի այծ, որ մենք խորովեցինք։ Այդ խորովածից մի քիչ ուտելուց հետո ես անտանելիորեն ծարավեցի։ Այդ տանջանքն ավելի մեծանում էր, երբ տեսնում էինք նորերս եկած անձրևից ճանապարհի վրա գոյացած վճիտ ջրի փոքրիկ լճակները, որոնցից մի կաթիլ խմել չէր կարելի։ Հազիվ թե քսանչորս ժամ լիներ, որ ջուր չէի խմել, և այդ ժամանակի մի մասն էի անցկացրել արևի տակ, բայց ծարավն ինձ կատարյալ թուլացրել էր։ Ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես մարդիկ կարող են ապրել այսպիսի պայմաններում երկու-երեք օր։ Միաժամանակ պիտի խոստովանեմ, որ իմ ուղեկիցը բոլորովին չէր նեղվում և զարմացել էր, որ մի օրվա զրկանքն այդ աստիճանի տանջալից էր ինձ համար։

Մի քանի անգամ արդեն ակնարկել եմ, որ այստեղ գետինը ծածկված է աղային կեղևով։ Այս երևույթը բոլորովին տարբերվում է սալինաների (աղուտ լճեր) երևույթից և շատ ավելի հետաքրքրական է և ուշագրավ։ Հարավային Ամերիկայի շատ մասերում, որտեղ կլիման բավականին չորային է, այս կեղևարկումները սովորական են. ոչ մի տեղ ես չեմ տեսել, որ նրանք այնքան առատ լինեն, որքան Բահիա Բլանկայի շրջակայքում։ Այստեղ և Պատագոնիայի այլ մասերում աղը բաղկացած է գլխավորապես նատրիում սուլֆատից, որի հետ խառն կա նաև փոքր քանակությամբ կերակրի սովորական աղ։ Այս աղուտներում (սալիտրալ)[45] ամբողջ հարթավայրն իրենից ներկայացնում է սև տղմային հողի մի մեծ տարածություն, տեղ-տեղ աճում են բույսերի փնջեր։ Մի շաբաթյա տաք և չոր եղանակից հետո, եթե մեկը վերադառնա այս տարածություններից մեկի միջով, նա զարմանքով կտեսնի հարթավայրը քառակուսի մղոններով սպիտակած բոլորովին։ Նրան կթվա, թե մի բարակ շերտ ձյուն է եկել, և տեղ-տեղ քամու միջոցով կույտեր են կուտակվել։ Այս վերջին երևույթն առաջանում է նրանից, որ դանդաղ գոլորշիացման ժամանակ աղի աղբյուրները հավաքվում են չորացած խոտի տերևների, փայտի կտորների կամ փշրված հողի շուրջ և ոչ թե բյուրեղանում լճացած ջրի հատակին։ Աղուտները պատահում են կամ հարթավայրի այնպիսի տարածություններում, որոնք ծովից միայն մի քանի ոտնաչափ են բարձր, և կամ թե գետերի ափերը կազմող հեղեղվող գետնի վրա։ Մ. Պարշապը[46] պարզել է, որ հարթավայրերի վրա գտնվող աղային կեղևը, որը ծովից գտնվում է մի քանի մղոն հեռու, բաղկացած է լինում գլխավորապես նատրիում սուլֆատից, պարունակելով միայն յոթը տոկոս սովորական աղ, մինչ ծովափին մոտիկ գտնվողների մոտ սովորական աղի տոկոսը բարձրանում է մինչև երեսունյոթ տոկոս։ Այս հանգամանքն ստիպում է մարդկանց ենթադրելու, որ նատրիում սուլֆատն առաջանում է հողի մեջ՝ քլորային միացություններից, որոնք մակերեսին են մնում վերջին ժամանակներում՝ այս չոր երկրի դանդաղ բարձրացման ընթացքում։ Այս ամբողջ երևույթն արժանի է բնագետների ուշադրության։ Արդյոք աղ սիրող սուկուլենտ (հյութառատ) բույսերը, որոնք հայտնի են որպես շատ նատրիում պարունակողներ, կարո՞ղ են քայքայել քլորի միացությունները. արդյոք սև գարշահոտ տիղմը, որի մեջ գտնվում են առատ քանակությամբ օրգանական նյութեր, կարո՞ղ է տալ ծծումբ և վերջը ծծմբաթթու։

Երկու օր հետո ես նորից գնացի նավահանգիստը։ Դեռ չէինք հեռացել մեր որոշյալ վայրից, իմ ուղեկիցը, նույն մարդը, որն ինձ հետ եղել էր երկու օր առաջ, նկատեց երեք մարդու, որոնք ձիով որս էին անում։ Նա անմիջապես ցած իջավ ձիուց և ուշադիր կերպով նրանց դիտելուց հետո ասաց. «Սրանք քրիստոնյաների նման ձի չեն նստել, և, բացի այդ, ոչ ոք չի կարող բերդից այսքան հեռանալ»։ Այդ երեք որսորդները մոտեցան իրար և մեզ նման ցած եկան ձիերից։ Վերջը մեկը նորից հեծավ ձին և քշելով բլրի վրայով՝ անհետացավ մեր աչքից։ Իմ ընկերն ասաց. «Այժմ պետք է հեծնել ձիերը. ատրճանակդ լցրո՛ւ». իսկ ինքը նայեց իր սրին։ Ես հարցրի, «Դրանք հնդիկնե՞ր են»։— „Quien sabe?” (ո՞վ գիտե), «եթե միայն երեք հոգի են և ուրիշները չկան, այդ նշանակության չունի»։ Ինձ այնպես թվաց, որ բլրի վրայով անցնողն իր ցեղի անդամներին կանչելու գնաց։ Այս բանի մասին ես հարցրի իմ ուղեկցին, բայց ամբողջ պատասխանը, որ ես կարողացա նրանից կորզել „Quien sabe”-ն էր։ Նրա գլուխը և աչքերը ոչ մի րոպե չէին դադարում զգուշությամբ հորիզոնը հեռվում զննելուց։ Նրա այդ անսովոր սառնությունն ինձ թվում էր վատ կատակ, և ես հարցրի նրանք թե ինչո՞ւ մենք չենք վերադառնում տուն։ Ես շատ զարմացա, երբ նա պատասխանեց. «Մենք վերադառնալու ենք, բայց այնպիսի մի ճանապարհով, որ անցնի ճահճի մոտով, որտեղով մենք կարող ենք ձիերին քառասմբակ վազեցնել որքան որ հնարավոր է, իսկ այնուհետև, որտեղ հնարավոր չէ, պետք է ապավինենք մեր սեփական ոտքերին, որից հետո վտանգ չի լինի»։ Այդ բոլորն ինձ այնքան էլ ճիշտ չէին թվում, և ուզում էի արագացնել մեր քայլերը։ Նա ասաց, «Ո՛չ, չպետք է քշել, մինչև նրանք չքշեն իրենց ձիերը»։ Երբ մի փոքր անհարթություն ծածկում էր մեզ մենք արագ քշում էինք ձիերը, իսկ բաց տեղում շարունակում էինք քայլել։ Վերջապես հասանք մի հովիտ և դառնալով դեպի ձախ՝ արագ քշեցինք դեպի բլրի տակը, նա իր ձին տվեց ինծ պահելու, շներին պառկեցրեց գետնին և իր ձեռքերի ու ծնկների վրայով սողոսկելով սկսեց հետախուզել շրջապատը։ Այս դիրքում նա որոշ ժամանակ մնալուց հետո, վերջապես, բարձր ծիծաղով, բացագանչեց՝ „Mugeres!” (կանա՜յք)։ Նա ճանաչեց նրանց, դրանք մայորի որդու կինը և քենին էին, որոնք ջայլամի ձվեր էին փնտրում։ Ես այդ դեպքը և այս մարդու ընթացքը նկարագրեցի նրա համար, որ նա յուրաքանչյուր շարժում կատարելիս հավատացած էր, թե սրանք մեզ հետևող հնդիկներ էին։ Սակայն երբ պարզվեց մեր անիմաստ սխալվելը, նա ինձ բացատրեց հարյուրավոր պատճառներ, թե ինչո՛ւ նրանք հնդիկներ չէին կարող լինել, իսկ այդ պատճառներից և ոչ մեկը ժամանակին չեկավ նրա գլուխը։ Այնուհետև ձիերը հեծած՝ հանգիստ և խաղաղ իջանք մի տափարակ տեղ, որը կոչվում է Պունտա Ալտա, որտեղից մենք կարող էինք տեսնել գրեթե ամբողջ Բահիա Բլանկայի մեծ նավահանգիստը։

Այդտեղ ջրի ընդարձակ տարածությունն ակոսվել է տղմի բազմաթիվ մեծ թմբերով, որոնց տեղացիներն անվանում են կանգրեխալես կամ խեչափառանոցներ, որովհետև այդտեղ ապրում են անհաշիվ թվով փոքր խեչափառներ։ Այդ տիղմն այնքան փափուկ է, որ նրա վրայով քայլել հնարավոր չէ մինչև անգամ մի քանի քայլ։ Այդ թմբերից շատերի մակերեսները ծածկված են երկար եղեգներով, որոնց ծայրերը մակընթացության ժամանակ երևում են ջրից վերև։ Մի անգամ, երբ մենք գտնվում էինք մի նավակում, այնպես խճճվեցինք այս ծանծաղուտների մեջ, որ շատ դժվարությամբ էինք գտնում մեր ճանապարհը։ Բացի տղմի հարթ շերտերից, ոչինչ չէր երևում, օրն այնքան պարզ չէր, իսկ ռեֆրակցիան՝ բարձր, կամ, ինչպես նավաստիներն էին ասում, «ամեն ինչ տարտամ էր երևում»։ Մեր տեսողության դաշտի միակ առարկան, որը գտնվում էր իր տեղում, հորիզոնն էր. եղեգները նմանվում էին մացառների, որոնք կախված են օդից՝ առանց հենարանի, ջուրը նմանվում էր տղմի թմբերին, իսկ տղմի թմբերը՝ ջրի։

Գիշերն անցկացրինք Պունտա Ալտայում, և ես զբաղված էի բրածո ոսկրներ որոնելով։ Այս վայրը մի կատարյալ գետնադամբան էր անհետացած ահռելի կենդանիների համար։ Երեկոն կատարյալ խաղաղ էր և պարզկա։ Տեսարանի վերին աստիճանի մոնոտոն լինելը նրան մի առանձին հետաքրքրականություն էր տալիս մինչև անգամ ցեխի թմբերի և ճայերի, ավազաբլուրների և մենավոր անգղների առկայությամբ։ Առավոտյան ետ դառնալիս հանդիպեցինք մի պումայի (առյուծակատու) բոլորովին թարմ ոտնահետքի, բայց մեզ չհաջողվեց գտնել նրան։ Մենք տեսանք նաև երկու սորիլյո, որոնք ունեն զզվելի հոտ։ Սրանք շատ սովորական են այստեղի համար։ Ընդհանուր տեսքով սորիլյոն նման է ժանտաքիսին, բայց քիչ ավելի մեծ է և համեմատաբար ավելի հաստ է։ Լավ գիտենալով իր կարողությունը՝ նա ցերեկով թափառում է բաց դաշտերում և ոչ շնից է վախենում, ոչ մարդուց։ Եթե մի շուն հարձակվում է, նրա համարձակությունն անմիջապես կոտրվում է սորիլյոյի արձակած մի քանի կաթիլ գարշահոտ յուղի միջոցով, որն առաջացնում է ուժեղ սրտախառնություն, և քթից սկսում է հոսել։ Ինչ իր որ մի անգամ ապականվում է այդ նյութով, ընդմիշտ անպետք է դառնում։ Ազարան ասում է, որ այդ հոտն զգացվում է մեկ փարսախ հեռավորությունից։ Մի քանի անգամ Մոնտեվիդեոյի նավահանգիստը մտնելիս, երբ քամին ցամաքից է եղել, մենք նավի վրա զգացել ենք այդ հոտը։ Հայտնի է, որ բոլոր կենդանիները մեծ հոժարությամբ իրենց տեղը զիջում են սորիլյոյին։


ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԲԱՀԻԱ ԲԼԱՆԿԱ

Բահիա Բլանկա.— Երկրաբանություն.— Բազմաթիվ անհետացած հսկա չորքոտանիներ.— Վերջին ժամանակների անհետացումները.— Տեսակների երկարակեցությունը.— Մեծ կենդանիները փարթամ բուսականություն չեն պահանջում.— Հարավային Աֆրիկա.— Սիբիրական բրածոներ.— Ջայլամի երկու աեսակները.— Հնոցահավի[47] սովորությունները.— Զրահակիրներ.— Թունավոր գորտ, մողես.— Կենդանիների ձմեռային քունը.— Ծովափետրի սովորությունները.— Պատերազմ հնդիկների հետ և նրանց ոչնչացումը.— Նետագլուխ՝ հնագիտական մնացորդ։

«Բիգլ»-ն այստեղ հասավ օգոստոսի 24-ին և մի շաբաթ հետո նավարկեց դեպի Լա Պլատա։ Կապիտան Ֆից Ռոյի համաձայնությամբ՝ ես ետ մնացի՝ ցամաքով մինչև Բուենոս Այրես ճանապարհորդելու համար։ Այստեղ ավելացնելու եմ մի շարք դիտումներ, որոնք արել եմ այս և նախորդ այցելության ժամանակ, երբ «Բիգլ»-ն զբաղված էր նավահանգստի հետազոտությամբ։

Ափից մի քանի մղոն հեռու հարթավայրը պատկանում է պամպասների ընդարձակ ֆորմացիային, որը որոշ տեղերում կազմված է կարմրավուն կավից և այլ մասերում կրով չափազանց հարուստ մերգելային ապառներից։ Ափին մոտիկ կան մի քանի հարթավայրեր, որոնք կազմված են վերին հարթավայրերի բեկորներից և տղմից, խճերից և ավազից, որ ծովը դուրս է շպրտել ցամաքի դանդաղ բարձրանալու հետ միասին, մի բարձրացում, որի ապացույցները հանդիսանում են վերջին ժամանակների խեցիներ պարունակող շերտերը և պեմզայի կլորացրած խճերը՝ ցրված այդ երկրի վրա։ Պունտա Ալտայում կարելի է տեսնել վերջին ժամանակներում կազմված այս հարթավայրերից մեկի կտրվածքը, որը վերին աստիճանի հետաքրքրական է իր մեջ ներփակած բազմապիսի և արտասովոր բնույթի ցամաքային հսկա կենդանիների մնացորդներով։ Այս մնացորդները մանրամասն նկարագրել է պրոֆեսոր Օուենը ««Բիգլ»-ի ճանապարհորդության զոոլոգիան» բաժնում և նրանք գտնվում են Վիրաբուժական կոլեժում։ Այստեղ ես կտամ մի համառոտ ուրվագիծ նրանց բնույթի մասին։

Առաջին՝ մեգաթերիումի «Megatherium» երեք գլխամաս և այլ ոսկրներ, որոնց ահռելի մեծությունը ցույց է տալիս, որ այդ կենդանին հսկա է եղել։ Երկրորդ՝ մեգալոնիքս (Megalonyx) — մի մեծ կենդանի, որը մոտիկ է առաջինին։ Երրորդ՝ սցելիդոթերիում (Scelidotherium), որը նույնպես մոտիկ է նախորդ երկուսին, և որից ես ձեռք բերի գրեթե մի լրիվ կմախք։ Նա պետք է ռնգեղջյուրի չափ մեծ կենդանի եղած լինի։ Իր գլխի կազմությամբ, ըստ մր. Օուենի, նա ամենից մոտիկ է կապյան մրջնակերին, իսկ մի շարք այլ կողմերով մոտիկ է զրահակիրներին։ Չորրորդ՝ միլոդոն (Mylodon Darwinii), նկարագրվածներին շատ մոտիկ մի սեռ, բայց ծավալով փոքր։ Հինգերորդ՝ մի այլ հսկա թերատամ չորքոտանի։ Վեցերորդ՝ մի մեծ կենդանի, որը որպես վահան ունի ոսկրյա պատյան՝ խորշերով, և որը շատ նման է զրահակիր վահանին։ Յոթերորդ՝ անհետացած ձիու մի տեսակ, որի վրա հետագայում նորից եմ կանգ առնելու։ Ութերորդ՝ մի ատամ, որը պատկանում է հաստամորթ (Pachydermatous) կենդանու, հավանորեն մակրաուխենիայի (Macrauchenia) սեռի ներկայացուցիչը, մի մեծ կենդանի՝ ուղտի վզի նման երկար վզով, որին հետագայում նույնպես կանդրադառնանք։ Վերջապես տոքսոդոնը (Toxodon), որը թերևս հայտնաբերված կենդանիներից ամենատարօրինակն է. իր մեծությամբ նա հավասար է փղին կամ մեդաթերիումին, բայց նրա ատամների կառուցվածքը, ինչպես նշում է մր. Օուենը, անվիճելիորեն ապացուցում է, որ նա կրծողների հետ պետք է ունենար մոտիկ ազգակցություն, մի կարգ, որն այժմ ներառում է փոքր չորքոտանիների մեծ մասը. շատ կողմերով նա մոտիկ է հաստամորթին (Pachydermata)։ Դատելով նրա աչքերի, ականջների և ռունգերի դիրքից՝ կարելի է ասել, որ նա հավանորեն եղել է ջրային կենդանի, ինչպես դյուգոնը և լամանթին, որոնց հետ ևս նա ուներ ընդհանուր կողմեր։ Ո՜րչափ զարմանալի կերպով տարբեր կարգերը, որոնք այժմ շատ լավ բաժանվում են իրարից, խառնված են իրար տոքսոդոնի կառուցվածքի տարբեր կետերում։

thumb

Այս ինն մեծ չորքոտանիների մնացորդները և բազմաթիվ այլ առանձին ոսկրներ գտնվում էին ներփակված ծովեզրում, մոտ 200 քառակուսի յարդ տարածության մեջ։ Նշանակալի է այն, որ այսքան շատ տարբեր տեսակներ գտնվում են միասին. միաժամանակ այդ ապացուցում է, որ այս երկրի հին բնակիչներն իրենց տեսակներով որչափ բազմազան պետք է եղած լինեն։ Պունտա Ալտայից մոտ երեսուն մղոն հեռու, կարմրահողից կազմված մի քարափում ես գտա ոսկրների մի քանի կտորներ, որոնցից մի քանիսը բավականին մեծ էին։ Այդ ոսկրների մեջ կային մի կրծող կենդանու ատամներ, որոնք իրենց մեծությամբ և ձևով շատ նման էին ջրախոզի ատամներին, որի սովորություններն արդեն նկարագրված են նախորդ գլուխներում. ուստի այս ևս հավանորեն ջրային կենդանի է եղել։ Այնտեղ կար նաև կտենոմիսի (Ctenomys) գլխի մի մասը։ Այս տեսակը թեև տարբերվում է տուկուտուկոյից, բայց ընդհանուր մոտիկ նմանություն ունի։ Այդ կարմիր հողը, որը նման է պամպասների հողին և որի մեջ ներփակված էին այս մնացորդները, ըստ պրոֆ. Էրենբերգի՝ պարունակում է ութ անուշ ջրի և մեկ աղի ջրի ինֆուզորային փոքրիկ կենդանիներ։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ այդ հավանորեն էստուարի նստվածք է։

Պունտա Ալտայի մնացորդները թաղված էին շերտավոր խճի և կարմրավուն կավի մեջ. դրանք նման են այն շերտերին, որ ծովն այժմ հավաքում է ծանծաղ ծովափերին։ Նրանց հետ գտնվում էին նաև քսաներեք տեսակի խեցիներ, որոնցից տասներեքն այժմվա խեցիներից են, իսկ չորսը շատ մոտիկ ժամանակակից ձևերին։ Մնացածներն անհետացա՞ծ տեսակներ են, թե՞ պատկանում են այնպիսի տեսակների, որոնք հայտնի չեն, այդ դեռ պարզ չէ, որովհետև այս ափերի խեցիները քիչ են ուսումնասիրված։ Այնուամենայնիվ քանի որ ներփակված ժամանակակից խեցիները թվով գրեթե նույն հարաբերությունն ունեն այժմ ծոցում ապրող խեցիների հետ, ուստի քիչ կասկած կարող է լինել այն ենթադրության մասին, որ այս կուտակումը պատկանում է երրորդային պերիոդի ամենավերջին ժամանակներին։ Դատելով սցելիդոթերիումի ոսկրներից, ներառյալ մինչև անգամ ծնկոսկրը, որոնք թաղված էին իրենց բնական հարաբերական դիրքով, և դատելով զրահակիրանման մեծ կենդանիների ոսկրային զրահներից, որոնք լավ պահպանված էին նրա սրունքներից մեկի ոսկրների հետ, կարող ենք վստահ ասել, որ այս մնացորդները թարմ են եղել և իրենց հոդակապերով միացած են եղել, երբ թաղվել են խճերի մեջ խեցիների հետ միասին։ Այստեղից էլ մենք ունենք լավ ապացույցներ այն բանի, որ վերևում թված հսկա չորքոտանիները, որոնք ավելի շատ են տարբերվում այժմ գոյություն ունեցողներից, քան Եվրոպայի ամենահին երրորդական չորքոտանիները, ապրել են այնպիսի ժամանակ, երբ ծովում ապրում էին իր այժմվա բնակիչների մեծ մասը, և մենք, այսպիսով, հաստատում ենք այն նշանավոր օրենքը, որ հաճախ պնդում է մր. Լայելը, այն է, որ կաթնասունների տեսակների երկարակեցությունն ընդհանուր առմամբ ետ է մնում Testacea-ի երկարակեցությունից։[48]

thumb

Megatheroidae կենդանիների, այն է՝ մեգաթերիումի, մեգալոնիքսի, սցելիդոթերիումի և միլոդոնի ոսկրների մեծությունն իսկապես հասնում է ապշեցուցիչ չափերի։ Այս կենդանիների կյանքի սովորությունները կատարյալ մի հանելուկ էին դարձել բնագետների համար, մինչև որ վերջին ժամանակները պրոֆեսոր Օուենը[49] շատ հանճարեղ կերպով լուծեց այդ խնդիրը։ Դրանց ատամներն իրենց կառուցվածքով ցույց են տալիս, որ այս կենդանիներն ապրել են բուսական սննդանյութերով, հավանորեն տերևներով և ծառերի փոքր ճյուղերով։ Նրանց ծանրաքաշ ձևերը և կորացած ուժեղ և մեծ ճանկերը թվում է թե այնքան քիչ են հարմարեցված տեղաշարժության համար, որ մի քանի հայտնի բնագետներ հավատացած են, որ համրուկների նման, որոնց շատ մոտիկ ազգակից են, սրանք իրենց գոյությունը պետք է պահպանած լինեին տերևներով՝ մագլցելով ծառերի վրա հետևի կողմը ներքև։ Դժվար է ենթադրել, որ մինչև անգամ նախաջրհեղեղյան ժամանակները կարող էին գոյություն ունենալ ծառեր, որոնց ճյուղերն այնքան ուժեղ լինեին, որ կարողանային իրենց վրա պահել փղի մեծության կենդանիներ։ Պրոֆեսոր Օուենը, շատ ավելի հավանականությամբ, կարծում է, որ սրանք ծառերի վրա բարձրանալու փոխարեն ջարդում, ցած, դեպի իրենց էին բերում ճյուղերը, քաշում, արմատահան էին անում փոքրերը և այսպիսով սնվում նրանց տերևներով։ Նրանց մարմնի վերջի մասի վիթխարի լայնությունը և ծանրությունը, որն առանց տեսնելու դժվար է երևակայել, այս տեսակետով դառնում է պիտանի և օգտակար և ոչ թե կենդանու համար մի ավելորդ ծանրություն է լինում, և նրանց արտաքուստ երևացող անճարակությունն էլ անհետանում է։ Իրենց մեծ պոչերով և ահռելի կրունկներով նրանք ամուր հաստատվում էին գետնի վրա, ինչպես մի եռոտանի, որից հետո կարող էին ազատ կերպով ի գործ դնել իրենց վերին աստիճանի ուժեղ թևերի և ճանկերի ամբողջ ուժը։ Այսպիսի մի ուժի դիմադրող ծառը պետք է որ իսկապես ունենար ուժեղ և խոր արմատներ։ Պետք է հիշել և այն, որ միլոդոնը զինված էր երկար և տարածվող լեզվով, ինչպես այդ տեսնում ենք ընձուղտի մոտ, որը բնության ամենագեղեցիկ նախատեսությամբ իր երկար վզի օգնությամբ հասնում է իր տերևասննդին։ Ըստ Բրյուսի՝ Հաբեշստանում, երբ փիղն իր կնճիթը չի կարողանում հասցնել ճյուղերին, սկսում է իր ժանիքներով խորն ակոսել ծառի բունը բոլոր կողմերից, մինչև որ բունն այնքան բարակում է, որ հեշտությամբ կոտրվում է։

thumb

Վերոհիշյալ բրածոները պարունակող շերտերը գտնվում են մակընթացության ժամանակի ջրի մակերեսից միայն տասնհինգից—քսան ոտնաչափ բարձրության վրա։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ ցամաքի բարձրացումը եղել է փոքր (կամ կարելի է ենթադրել, որ տեղի է ունեցել իջեցման մի միջանկյալ պերիոդ, որի մասին ապացույցներ չունենք) սկսած այն ժամանակից, երբ այդ մեծ չորքոտանիները թափառում էին շրջակա հարթավայրերում. և այդ երկրի արտաքին տեսքն այն ժամանակ պետք է մոտավորապես այնպես եղած լինի, ինչպես այժմ է։ Շատերը բնականաբար կարող են հարցնել, թե այդ շրջանում այս երկիրն ի՞նչպիսի բուսականություն է ունեցել, արդյոք այն ժամանակ էլ այժմվա նման անբերրի՞ է եղել, թե ոչ։ Որովհետև նրանց հետ թաղված խեցիները նույնն են, ինչ որ այժմ ապրում են ծովածոցում, ուստի սկզբներում ես հակամետ էի կարծելու, որ այն ժամանակվա բուսականությունը պետք է նման լիներ ներկա բուսականությանը, բայց այս եզրակացությունը կարող է սխալ լինել, որովհետև այս նույն խեցիների մի մասն ապրում է փարթամ բուսականությամբ ծածկված Բրազիլիայի ափերին, և, բացի այդ, ընդհանրապես անիմաստ է ծովի բնակիչների հատկանիշների վրա հիմնվելով դատել ցամաքում ապրողների մասին։ Այնուամենայնիվ այդ բոլորը նկատի ունենալուց հետո չի կարելի ենթադրել, որ որովհետև Բահիա Բլանկայի հարթավայրերում ապրել են այդքան շատ չորքոտանիներ, ուրեմն սկզբներում այդ վայրերը ծածկված պետք է լինեն փարթամ բուսականությամբ. ես չեմ կասկածում, որ քիչ հարավ, Ռիո Նեգրոյի մոտ, անբերրի չոր երկիրն իր ցրված փշոտ ծառերով կարող է ունենալ իր բազմաթիվ մեծ չորքոտանիները։

Առաջ ընդհանուր կարծիքն այն է եղել, որ մեծ կենդանիների համար անհրաժեշտ է փարթամ բուսականություն, և այդ կարծիքն անցել է մի հեղինակից մյուսին. բայց ես երբեք չեմ վարանում ասելու, որ այս ամբողջովին կեղծ է, և այդ կարծիքն անզոր է դարձրել երկրաբանների դատողությունները աշխարհի հին պատմության վերաբերյալ մեծ նշանակություն ունեցող մի շարք խնդիրներում։ Հավանորեն այս վնասակար ենթադրությունն առաջանում է, նկատի ունենալով Հնդկաստանը և հնդկական կղզիները, որտեղ փղերի խմբերը, շքեղ անտառները և անթափանց ջունգլիները յուրաքանչյուրի մտքում միասնաբար են հանդես գալիս։ Սակայն եթե մենք դիմենք Հարավային Աֆրիկայում կատարված ճանապարհորդական որևէ աշխատության, գրեթե յուրաքանչյուր էջում մենք կհանդիպենք անապատային բնույթ ունեցող տեղերի նկարագրությունների կամ այնտեղ ապրող խոշոր կենդանիների մեծ թվերի։ Նույն բանն ապացուցում են և այն բազմաթիվ նկարները, որոնք ներկայացնում են Աֆրիկայի խորքերի զանազան մասերը։ Երբ «Բիգլ»-ը գտնվում էր Կապշտատում, ես մի քանի օրով մի էքսկուրսիա կատարեցի դեպի երկրի խորքերը, և այդ բավական էր, որ առաջուց ավելի մանրամասն կարդացածներս ինձ համար հասկանալի լինեին։

thumb

Դոկտոր Անդրյու Սմիթը, որը գլխավորելով իր հանդուգն խումբը, վերջին ժամանակներս հաջող կերպով անցել է Այծեղջյուրի արևադարձը, ինձ տեղեկացրել է, որ եթե Հարավային Աֆրիկան ամբողջությամբ նկատի ունենանք, ապա կասկած չի կարող լինել, որ նա մի անբերրի երկիր է։ Հարավային և հարավ-արևելյան ափերին կան բավականին գեղեցիկ անտառներ, բայց բացառությամբ այդ անտառների, ճանապարհորդը կարող է օրերով անցնել աղքատ և սակավ բուսականությամբ ծածկված բաց հարթավայրերով։ Դժվար է ճիշտ գաղափար կազմել այդտեղի համեմատական բերրիության աստիճանի մասին, բայց հանգիստ կարելի է ասել, որ տարվա որևէ ժամանակում Մեծ Բրիտանիայի բուսականությունը քանակապես Հարավային Աֆրիկայի ներքին մասերի համապատասխան տարածության բուսականության քանակությունից հավանորեն տասն անգամ գերազանցում է։ Այն փաստը, որ գոմեշի սայլերը կարող են ճանապարհորդել որևէ ուղղությամբ (բացառությամբ ծովափերի մոտերի) և նրանց ընթացքը երբեմն է ընդհատվում, այն էլ կես ժամով՝ թփուտները կտրատելու համար, գուցե ավելի որոշակի գաղափար տա այնտեղի բուսականության սակավության մասին։ Այժմ եթե մի ակնարկ ձգենք այս ընդարձակ հարթավայրերում ապրող կենդանիների վրա, կտեսնենք, որ նրանց թիվը չափազանց մեծ է, և այդ կենդանիները մարմնով էլ շատ մեծ են։ Այստեղ կարելի է թվել փիղը, ռնգեղջյուրի երեք տեսակ, և հավանորեն, ըստ դր. Սմիթի, երկու այլ տեսակ ևս, հիպոպոտամը (գետաձի), ընձուղտը, քաֆիրական գոմեշը (Bos caffer), որն ունի լրիվ աճած ցուլի մեծություն, և որմզդական եղջերուն (որմզդեղն), որը համեմատաբար ավելի խոշոր է լինում, զեբրի երկու տեսակ, կուագան, երկու եղջերվաձի և մի քանի տեսակ անտիլոպ, որոնք մարմնով մինչև անգամ ավելի մեծ են, քան այս վերջին կենդանիները։ Շատերը գուցե ենթադրում են, որ թեև տեսակները բազմաթիվ են, բայց յուրաքանչյուր տեսակին պատկանող անհատ կենդանիների թիվը քիչ է. բայց դոկտոր Սմիթի հետազոտություններն ինձ հնարավորություն են տալիս ասելու, որ իրական դրությունը բոլորովին այլ է։ Նա ինձ տեղեկացնում է, որ 24° լայնության վրա գոմեշի սայլերով ճանապարհորդելիս, առանց ճանապարհի աջ կամ ձախ ուղղություններով հեռուները թափառելու, նա տեսել է հարյուրից-հարյուրհիսուն ռնգեղջյուր, որոնք պատկանելիս են եղել երեք տեսակի. միևնույն օրը նա տեսել է ընձուղտի մի քանի երամակներ, որոնք բոլորը միասին թվով հարյուր հատ են եղել, թեև այդ օրը փիղ չի տեսել, բայց այդ շրջանում կան նաև փղեր։ Նախորդ երեկոյին գիշերելու համար նրանց կանգ առած վայրից յոթ-ութ կիլոմետր հեռավորության վրա նրա խումբը մի տեղ սպանել է ութը հիպոպոտամ (գետաձի) և տեսել ուրիշ շատերը։ Նույն գետում եղել են նաև կոկորդիլոսներ։ Իհարկե, շատ զարմանալի է տեսնել այդքան շատ և մեծ կենդանիներ խռնված մի տեղում, և բոլորին չի պատահի այդ, բայց և այնպես այս ապացուցում է, որ նրանք գոյություն ունեն մեծ թվերով։ Դոկտոր Սմիթն այդ օրվա անցած տարածությունը նկարագրում է որպես «նոսր կանաչով և մոտ չորս ոտնաչափ բարձրության թփուտներով ծածկված մի վայր. միմոզայի ծառերն էլ ավելի նոսր են»։ Նրանց սայլերը գրեթե շարժվելիս են եղել ուղիղ գծով՝ առանց հանդիպելու որևէ խոչընդոտի։

Յուրաքանչյուր մարդ, որ նվազագույն չափով ծանոթ է Բարեհուսո հրվանդանի բնական պատմությանը, նա կարդացած կլինի, որ բացի այս խոշոր կենդանիներից այնտեղ ապրում են նաև անտիլոպների (քարայծ) երամակներ, որոնց կարելի է համեմատել միայն չվող թռչունների երամների հետ։ Հենց առյուծների, հովազների և բորենիների թիվը և գիշատիչ թռչունների շատությունը պարզորեն խոսում են փոքր չորքոտանիների առատության մասին։ Մի երեկո դոկտոր Սմիթի խմբի իջևանած վայրի շրջակայքում միաժամանակ երևացել են թափառող յոթ առյուծ. ինչպես ասում էր ինձ այս տաղանդավոր բնագետը, Հարավային Աֆրիկայում յուրաքանչյուր օր նախճիրը պետք է լինի սարսափելի և մեծ։ Խոստովանում եմ, որ շատ զարմանալի կարող է թվալ, թե ի՛նչպես են կարողանում այսքան մեծ թվով կենդանիներ ապրել այդքան քիչ սնունդ ունեցող մի երկրում։ Կասկած չկա, որ մեծ չորքոտանիները սնունդ ճարելու համար թափառում են բավականին ընդարձակ տարածություններ, և նրանց սնունդը կազմում են գլխավորապես մացառները, որոնք քիչ ծավալի մեջ հավանորեն պարունակում են շատ սննդանյութեր։ Դր. Սմիթն ասում է նաև այն, որ բուսականությունն այդտեղ արագ է աճում. հենց որ մի մասն սպառվում է, նրա տեղը բռնում է նորը։ Կասկած չի կարող լինել, որ մեծ չորքոտանիների գոյության պահպանման համար անհրաժեշտ սննդանյութերի քանակի մասին մեր ունեցած պատկերացումը շատ չափազանցված է։ Պետք է հիշել, որ ուղտը,— մի կենդանի, որը ոչ մի կերպ չի կարելի փոքր համարել,— միշտ նկատվել է որպես անապատի խորհրդանշանը։

Նկատի ունենալով այս հակառակ հարաբերությունը՝ կտեսնենք, որ հիմնովին սխալ է այն կարծիքը, ըստ որի, որտեղ գոյություն ունեն մեծ չորքոտանիներ, անհրաժեշտաբար բուսականությունն այնտեղ պետք է փարթամ լինի։ Մր. Բըրչելն ասում էր, որ Բրազիլիա մտնելիս ոչ մի բան նրա վրա այնքան ուժեղ տպավորություն չի թողել, որքան Հարավային Ամերիկայի փարթամ բուսականությունը, որը բոլոր տեսակի մեծ կենդանիների բացակայության հետ միասին Հարավային Աֆրիկայի նկատմամբ կատարյալ մի հակապատկեր է ներկայացնում։ Իր «Ճանապարհորդություններ»[50] գրքում նա նշում է, որ եթե այս երկրներից յուրաքանչյուրից վերցվեն հավասար թվով խոտակեր ամենամեծ չորքոտանիները, և բավարար տվյալներ լինելու դեպքում համեմատության մեջ դրվի նրանց քաշը, կստացվի մի վերին աստիճանի հետաքրքրական թիվ։ Եթե մենք մի կողմից վերցնենք փիղը,[51] գետաձին, ընձուղտը, քաֆիրական ցուլը, որմզդական եղջերուն, ստուգված երեք և ենթադրաբար ես երկու ռնգեղջյուրի տեսակները և մյուս կողմից՝ վերցնենք Ամերիկայից երկու տեսակ տապիրները, գուանակոն, երեք եղջերու, վիգոնը, պեկարին, ջրախոզը (որից հետո թիվը լրացնելու համար ընտրությունը պետք է կատարել կապիկներից) և ապա այս երկու խմբերը դնենք կողքե-կողքի, այդ դեպքում, իհարկե, դժվար կլինի մեծության տեսակետից պատկերացնել երկու ավելի անհամաչափ շարքեր։ Վերոհիշյալ փաստերից հետո մենք ստիպված ենք գալ սկզբներում գոյություն ունեցող տեսակետին հակառակ եզրակացության[52], այսինքն՝ այն երկրներում, որտեղ ապրում են կաթնասունները, նրանց տեսակների մարմնի մեծության և բուսականության քանակի մեջ մոտիկ հարաբերություն գոյություն չունի։

Ինչ վերաբերում է մեծ չորքոտանիների թվին, իհարկե, երկրագնդի վրա չկա մի վայր, որը կարողանա համեմատվել Հարավային Աֆրիկայի հետ։ Մի քանի տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններից հետո այդ գոտու ծայրահեղ անապատային բնույթն անվիճելի է։ Աշխարհի եվրոպական մասում մենք պետք է ետ գնանք մինչև երրորդային դարաշրջանը, որպեսզի կաթնասունների մեջ գտնենք իրերի այնպիսի մի դրության, ինչ որ նրանց համար այժմ գոյություն ունի Բարեհուսո հրվանդանում։ Այդ երրորդային էպոխաները, որ մենք կարող ենք նկատի առնել որպես մեծ կենդանիներով վերին աստիճանի հարուստ էպոխաներ, որովհետև որոշ վայրերում մենք գտնում ենք կուտակված մի քանի ժամանակաշրջանների մնացորդներ, հազիվ թե կարողանային պարծենալ ավելի մեծ չորքոտանիներով, քան այն չորքոտանիները, որ այժմ ունի Հարավային Աֆրիկան։ Առաջ քաշելով այս կամ այն ենթադրությունները բուսականության դրության մասին այդ դարաշրջանում, ապա առնվազն ստիպված կլինենք ընդունելու, որ գոյություն ունեցող անալոգիաները բացարձակորեն անհրաժեշտ չեն դարձնում փարթամ բուսականության գոյությունը, երբ աչքի առաջ ենք ունենում բոլորովին հակառակ դրվածքով դրությունը Բարեհուսո հրվանդանում։

Մենք գիտենք[53], որ Հյուսիսային Ամերիկայի ծայրամասերում, մի քանի ոտնաչափ խորությունից սկսվող մշտական սառեցման սահմանից մի քանի աստիճան էլ հյուսիս՝ գետինը ծածկված է մեծ և բարձր ծառերի անտառներով։ Միևնույն ձևով Սիբիրում մենք ունենք կեչու, եղևնու և սոճու անտառներ, որոնք աճում են այնպիսի մի լայնության վրա[54] (64°), որտեղ օդի միջին բարեխառնությունը գտնվում է սառեցման կետից ներքև, և որտեղ գետինն այնպես կատարյալ է սառած, որ այնտեղ թաղված կենդանիների մնացորդները մինչև մեր օրերը շատ լավ պահպանված են։ Այս փաստերից հետո մենք պետք է ընդունենք, որ (այնքան, որքան այդ վերաբերում է բուսականության միայն քանակության) վերին երրորդական էպոխայի մեծ չորքոտանիները Հյուսիսային Եվրոպայի և Ասիայի շատ մասերում ապրել են այն վայրերում, որտեղ այժմ գտնվում են նրանց մնացորդները։ Այստեղ ես չեմ խոսում նրանց գոյության համար անհրաժեշտ բուսականության տեսակի մասին, որովհետև քանի որ, կան նշաններ ֆիզիկական փոփոխությունների մասին, և քանի որ կենդանիներն էլ անհետացել են, ուստի և կարող ենք ենթադրել, որ բույսերի տեսակները ևս փոխվել են։

Այս դիտողությունները, թույլ տվե՛ք ինձ ավելացնելու, անմիջականորեն կապված են սառուցների մեջ պահված՝ Սիբիրի կենդանիների հարցի հետ։ Այսպիսի խոշոր կենդանիների գոյության համար տրոպիկական փարթամ բնույթ ունեցող բուսականության անհրաժեշտության մասին եղած խորը համոզմունքը և այս բուսականությունը մշտական սառեցման մոտակայության հետ հաշտեցնելու անհնարինությունը եղել է կլիմայի հանկարծակի փոփոխության և ավերիչ կատաստրոֆների մասին առաջացած մի քանի տեսությունների գլխավոր հիմքերից մեկը,— տեսություններ, որոնց նպատակն է եղել բացատրել այդ կենդանիների ոչնչացման պատճառները։ Ես չեմ կարող ենթադրել, որ սառցի մեջ թաղված այդ կենդանիների գոյություն ունենալու ժամանակից մինչև հիմա կլիման փոփոխության չի ենթարկվել։ Այստեղ ես միայն ցանկանում եմ ցույց տալ, որ այնչափով, ինչ չափով որ խնդիրը վերաբերում է միայն սննդի քանակության, այդ հին ժամանակների ռնգեղջյուրները կարող էին թափառել Կենտրոնական Սիբիրի ստեպներում (հյուսիսային մասը հավանորեն այն ժամանակ եղել է ջրի տակ), մինչև անգամ եթե այդ ստեպները լինեին այժմվա պայմաններում, այնպես, ինչպես այժմ գոյություն ունեցող ռնգեղջյուրները և փղերը թափառում են Հարավային Աֆրիկայի կարոսներում (karos — անապատային քարքարոտ վայրեր)։

Այժմ ես պատմելու եմ Հյուսիսային Պատագոնիայի ամայի հարթավայրերում տարածված մի քանի հետաքրքրական թռչունների սովորությունների մասին։ Ամենից առաջ սկսելու եմ ամենամեծից՝ հարավ-ամերիկյան ջայլամից։ Յուրաքանչյուր ոք ծանոթ է ջայլամի ընդհանուր սովորություններին։ Այս թռչունը սնվում է բուսական նյութերով, ինչպես արմատները և կանաչն են։ Բայց Բահիա Բլանկայում մի քանի անգամ ես տեսել եմ, թե ինչպես սրանք տեղատվության ժամանակ երեքով կամ չորսով գալիս են դեպի ընդարձակ տղմոտ ափերը, որոնք այդ ժամանակները չորացած են լինում, որպեսզի, ինչպես գաուչոներն են ասում, սնվեն փոքրիկ ձկներով։ Թեև ջայլամն իր սովորություններով երկչոտ, զգուշ և մենակյաց է և շատ արագավազ, այնուամենայնիվ, առանց մեծ դժվարությունների՝ բոլասով զինված հնդիկները կամ գաուչոները բռնում են նրան։ Երբ երևում են մի քանի ձիավորներ՝ կիսաշրջան կազմած, նա շփոթվում է և չի իմ անում, թե ո՛ր ուղղությամբ փախչի։ Սովորաբար ջայլամները նախընտրում են վազել քամու հակառակ ուղղությամբ. բայց հենց սկզբից նրանք տարածում են իրենց թևերը և փախչում՝ նավի նման պարզելով ամբողջ առագաստները։ Մի գեղեցիկ տաք օր ես տեսա, թե ինչպես մի քանի ջայլամ վազեցին դեպի բարձր եղեգնուտը, կուչ եկան և թաքնվեցին այնտեղ, մինչև ես բոլորովին մոտեցա նրանց։ Ընդհանրապես հայտնի չէ, որ ջայլամները հեշտությամբ են մտնում ջուրը։ Մր. Կինգն ասում է, որ Սան Բլաս ծովածոցում և Պատագոնիայի Վալդես նավահանգստում մի քանի անգամ նա տեսել է այս թռչուններին՝ մի կղզուց մյուսը լողալիս։ Նրանք ջուրն են նետվել, երբ նրանց հետևելով քշել են մինչև որոշ կետ, ինչպես և այնպիսի ժամանակ, երբ ոչ ոք նրանց չի վախեցրել։ Նրանց լողալով անցած տարածությունը եղել է մոտ երկու հարյուր յարդ։ Լողալիս նրանց մարմնի միայն մի փոքր մասն է երևում ջրից վերև, վզները ձգում են քիչ առաջ և դանդաղ առաջ են շարժվում։ Երկու անգամ ես տեսել եմ մի քանի ջայլամ, որոնք լողալով անցել են Սանտա Կրուզ գետն այնպիսի մի տեղից, որտեղ լայնությունը հասնում է չորս հարյուր յարդի և հոսում է արագ։ Կապիտան Ստուրտը[55] Մուրամբիջի գետով իջնելիս (Ավստրալիայում) տեսել է երկու էմու լողալիս։

Այդ շրջանի բնակիչները մինչև անգամ հեռվից հեշտությամբ տարբերում են արուն էգից։ Առաջինը մարմնով ավելի մեծ է լինում և ունենում է մութ գույն[56] և մեծ գլուխ։ Ջայլամը, իմ կարծիքով արուն, արձակում է մի եզակի, խորը տոնով սուլելու նման ձայն։ Առաջին անգամ այդ ձայնը լսելիս, կանգնած մի քանի ավազաբլուրների մեջ, ինձ թվաց, թե այդ մի վայրի գազանի ձայն է, որովհետև այղ ձայնը լսելիս հայտնի չի լինում, թե այդ ո՛ր կողմից և ի՛նչ հեռավորությունից է գալիս։ Մեր Բահիա Բլանկայում եղած ժամանակ, որը սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին էր, ամբողջ երկրում հանդիպում էինք ջայլամի անհաշիվ ձվերի։ Այդ ձվերը լինում են կամ ցրված մեկ-մեկ, որոնք երբեք չեն թխսվում և որոնց սպանիացիներն անվանում են հուաչոս, կամ թե հավաքված ոչ խորը փոսի մեջ, որը կազմում է նրանց բունը։ Իմ տեսած չորս բներից երեքը պարունակում էին քսաներկուական ձու, իսկ չորրորդի մեջ կար քսանյոթը ձու։ Ձիով մի օրում ման գալիս գտնվեց վաթսունչորս ձու, որոնցից քառասունչորսը գտնվեցին երկու բնում, իսկ մնացած քսանը ցրված հուաչոսներ էին։ Գուաչոները միաձայն պնդում են, և ոչ մի պատճառ չկա կասկածելու նրանց ասածի վրա, որ ձվերը թխսողը միայն արու թռչունն է, որը թխսելուց հետո էլ որոշ ժամանակ ինքն է լինում ձագերի հետ։ Բնում եղած ժամանակ արուն լավ կպչում է գետնին. մի անգամ ես ինքս ձիով անցա այդ բներից մեկի գրեթե վրայով։ Ասում են, որ այդ ժամանակ նրանք դառնում են կատաղի և մինչև անգամ վտանգավոր։ Հայտնի են դեպքեր, երբ նրանք հարձակվել են ձիու վրա գտնվող մարդու վրա, աշխատելով հարվածել և թռչել նրա վրա։ Այդ բաները պատմողն ինձ ցույց տվեց մի ծերունի, որին նա մի անգամ տեսել էր սարսափահար վիճակում. նա հալածվելիս է եղել մի ջայլամից։ Բըրչելի «Ճանապարհորդություններ Հարավային Աֆրիկայում» գրքում ես կարդացել եմ, որ երբ նա մի անգամ սպանում է աղտոտ փետուրներով մի արու ջայլամ, հոտենտոտներն ասում են, որ այդ թուխս ջայլամ է։ Ինձ հայտնի է և այն, որ կենդանաբանական այգիներում բնի ամբողջ հոգսն արու էմուն իր վրա է վերցնում, ուստի այս սովորությունն ընդհանուր է այս ընտանիքի համար։

Գաուչոները միաձայն հավատացնում են, որ մի քանի էգ ջայլամներ մի բնում են ածում։ Ինձ հաստատապես ասել են, որ նկատվել են դեպքեր, երբ չորս կամ հինգ էգ թռչուն օրվա կեսին մեկը մյուսի հետևից գնում են միևնույն բունը։ Պետք է ավելացնել և այն, որ Աֆրիկայում կարծում են, որ երկու կամ ավելի էգեր ածում են մի բնում[57]։ Թեև այս սովորությունը շատ տարօրինակ է թվում սկզբում, բայց այդ կարելի է բացատրել շատ պարզ ձևով։ Ձվերի թիվը յուրաքանչյուր բնում լինում է քսանից մինչև քառասուն և մինչև անգամ հիսուն, իսկ Ազարան ասում է, որ երբեմն լինում է յոթանասուն կամ ութսուն։

Այժմ նկատի ունենալով մի տեղում գտնված ձվերի մեծ քանակությունը՝ համեմատած մեկ մայր թռչունի հետ, և էգի ձվարանի կառուցվածքը, թեև հավանական կարող է լինել, որ ջայլամը կարողանա մի սեզոնում ածել մեծ թվով ձվեր, ապա այդ ձվերն ածելու համար պահանջվելիք ժամանակը պետք է շատ երկար լինի։ Ազարան[58] ասում է, որ ընտելացված մի ջայլամ ածել է տասնյոթ ձու՝ յուրաքանչյուր ձու ածելով նախորդից երեք օր հետո։ Եթե էգն ստիպված լիներ ինքը թխսելու իր ածած ձվերը, նախքան վերջին ձուն ածելն սկզբինը հավանորեն կնեխեր. բայց եթե յուրաքանչյուր ջայլամ հաջորդաբար ածեր մի քանի ձու տարբեր բներում, և մի քանի էգ ջայլամներ միանային, ինչպես այդ կարծում են, այդ դեպքում մի բնում եղած ձվերը մոտավորապես միևնույն ժամանակի ածած ձվեր կլինեին։ Եթե այս բներից որևէ մեկի ձվերի թիվը լինի, ինչպես ես հավատացած եմ, միջին հաշվով այնքան, որքան մի էգն է ածում մի սեզոնում, այդ դեպքում կստացվեն էգերի թվին համապատասխան բներ և յուրաքանչյուր արու թռչուն կունենա թխսելու աշխատանքի մեջ իր արդար բաժինը. և այն էլ այնպիսի ժամանակ, երբ էգերն զբաղված լինելով ձու ածելով՝ չեն կարողանա նստել։[59] Վերևում ես հիշատակեցի մեծ թվով հուաչոսների կամ լքված ձվերի մասին, այնպես որ մի օրում գտնվեց քսան այդպիսի ձու։ Կարող է տարօրինակ թվալ այսքան շատ ձվերի վատնումը։ Արդյոք այդ չի՞ առաջանում նրանից, որ մի քանի էգեր դժվարությամբ են միանում կամ գտնում մի արու, որն ստանձնի թխսելու պարտականությունը։ Ակներև է, որ սկզբում պետք է առնվազն երկու էգերի միջև գոյություն ունենա որոշ աստիճանի միություն, այլապես՝ ձվերն ընդարձակ դաշտերի մեջ ցրված կմնային և այնքան հեռու կլինեին, որ արուն չէր կարողանա. հավաքել մի բնի մեջ։ Մի քանի հեղինակներ հավատացած են, որ ցրված ձվերը փոքրիկ ձագերին կերակրելու համար են։ Դժվար թե այս տեսակետը ճիշտ լինի Ամերիկայի համար, որովհետև հուաչոսները, թեև հաճախ նեխված վիճակում են գտնվում, բայց ընդհանրապես ջարդված չեն լինում։

Երբ Ռիո Նեգրոյումն էի (Հյուսիսային Պատագոնիա), հաճախ լսում էի մի շատ հազվագյուտ թռչունի մասին, որին գաուչոներն անվանում էին ավեստրուզ պետիզե (Avestruz Petise)։ Նրանք ասում էին, որ նա ջայլամի չափ մեծ թռչուն է (որն այդ շրջանում շատ առատ է), բայց շատ նման է նրան։ Ըստ գաուչոների նկարագրության՝ այդ թռչունն ունի մութ և պիսակավոր գույն, և ոտները ջայլամի ոտներից կարճ են, և փետրավորումն ավելի ներքև է տարածվում, քան սովորական ջայլամի մոտ ենք տեսնում։ Բոլասով նա ավելի հեշտ է բռնվում, քան մյուս տեսակները։ Բնակիչներից մի քանիսը, որոնք տեսել էին երկու տեսակներն էլ, ասում էին, որ իրենք կարող են մեծ հեռավորության վրա տարբերել նրանց։ Փոքր տեսակի ձվերն ընդհանրապես ավելի շատ էին ծանոթ բնակչությանը, քան ինքը թռչունը, և զարմանալին այն էր, որ այդ ձվերն իրենց մեծությամբ շատ քիչ էին ետ մնում ռեա ջայլամի ձվերից, բայց ձևով քիչ տարբերվում էին նրանցից և ունեին բաց-կապույտ երանգավորում։ Այս տեսակն ամենից քիչ է տարածված Ռիո Նեգրոյի շրջակայքի հարթավայրերում, բայց մեկ և կես աստիճան հարավ սրանք բավականին առատ են։ Երբ Պորտ Դեզիրում (Պատագոնիա, 48° լայնություն) մր. Մարտենսը մի ջայլամ սպանեց, և ես նայելով նրա վրա, մի պահ բոլորովին մոռացած լինելով պետիզների ամբողջ պատմությունը, կարծեցի, որ այս սովորական տեսակի ոչ լրիվ աճած ջայլամ է։ Եփելուց և ուտելուց հետո միայն ես վերհիշեցի այդ թռչունը։ Բարեբախտաբար նրա գլուխը, վիզը, ոտները, թևերը, երկար փետուրներից մի քանիսը և մորթի մեծ մասը մնացել էին, և այս մնացորդներից ես կարողացա պատրաստել գրեթե մի կատարյալ նմուշ, որն այժմ դրված է Կենդանաբանական ընկերության թանգարանում։ Մր. Գուլդն այս նոր տեսակը նկարագրելիս ի պատիվ ինձ այն անվանել է իմ անունով։

Պատագոնիայի հնդիկների մեջ, Մագելլանի նեղուցի ափերին, մենք հանդիպեցինք մի կիսահնդիկի, որը մի քանի տարի ապրել էր հնդիկների այդ տոհմի հետ, բայց ծնվել էր հյուսիսային պրովինցիաներում։ Ես նրան հարցրի, թե երբևէ նա լսե՞լ է ավեստրուզ պետիզեի (փոքր ջայլամ) մասին։ Նա պատասխանեց ասելով, որ «այս հարավային երկրներում ուրիշ տեսակի ջայլամներ չեն լինում»։ Նա պատմեց ինձ, որ պետիզեի բնում եղած ձվերի թիվն զգալիորեն ավելի փոքր է, քան սովորաբար լինում է մյուս տեսակի բնում. այդ թիվը միջին հաշվով տասնհնգից չի անցնում. նա պնդում էր, որ մի բնում եղած ձվերն ածում են մեկից ավելի էգ թռչուններ։ Սանտա Կրուսում մենք տեսանք այս թռչուններից մի քանի հատ։ Սրանք վերին աստիճանի զգուշ էին. կարծում եմ, որ սրանք կարող էին տեսնել մոտիկացող մարդուն այնպիսի հեռավորությունից, որտեղից մարդը չի կարող տեսնել և զանազանել նրանց։ Գետով բարձրանալիս այդ թռչուններից շատ քչերին հանդիպեցինք, բայց երբ առանց աղմուկի և արագ ետ դարձանք, հանդիպեցինք շատերին, որոնք լինում էին երկու-երկու, չորս-չորս կամ հինգ-հինգ։ Նկատվում էր, որ այս թռչունը լրիվ արագությամբ վազելիս սկզբից չէր տարածում իր թևերը, ինչպես անում են հյուսիսում գտնվող տեսակի ներկայացուցիչները։ Եզրակացնելով, կարող եմ ասել, որ ռեա ջայլամը (Strutlhio rhea) բնակվում է Լա Պլատայի շրջանում Ռիո Նեգրոյից քիչ հարավ՝ մինչև 41° լայնությունը, իսկ Struthio Darwinii տեսակը փոխարինում է նրան Հարավային Պատազոնիայում, Ռիո Նեգրոյի շրջակայքը լինելով չեզոք տերիտորիա։ Մր. Ա. դ’Օրբինին[60] Ռիո Նեգրոյում եղած ժամանակ շատ է աշխատել այս տեսակից նմուշներ ձեռք բերել, բայց երբեք հաջողելու բախտ չի ունեցել։ Դոբրիցհոֆերը[61] դրանից դեռ շատ առաջ գիտեր, որ այդտեղ երկու տեսակի ջայլամ կա։ Նա ասում է. «Պետք է գիտենալ նույեպես, որ էմուներն իրենց մեծությամբ և սովորություններով այդ երկրի տարբեր մասերում տարբեր են. նրանք, որոնք ապրում են Բուենոս Այրեսի և Տուկումանի հարթավայրերում, ավելի մեծ են և ունեն սև, սպիտակ և գորշ փետուրներ. իսկ նրանք, որոնք ապրում են Մագելլանի նեղուցի մոտ, փոքր են և ավելի գեղեցիկ. նրանց սպիտակ փետուրները վերջանում են սև գույնով, իսկ սևերն էլ, ընդհակառակը, վերջանում են սպիտակով»։

thumb

Այստեղ շատ տարածված է նշանավոր տինոխոր փոքրիկ թռչունը (Tinochorus rumicivorus). իր սովորություններով և ընդհանուր տեսքով նա գրեթե հավասարապես բաժանում է երկու իրարից շատ տարբեր թռչունների՝ լորամարգու և կտցարի հատկանիշները։ Տինոխորի կարելի է հանդիպել ամբողջ Հարավային Ամերիկայի այն վայրերում, որտեղ գոյություն ունեն չոր, անբերրի հարթավայրեր, կամ բաց չոր արոտատեղեր։ Նա հաճախում է զույգերով կամ փոքրիկ երամներով ամենաամայի տեղերը, որտեղ հազիվ թե կարողանա գոյություն ունենալ մի այլ կենդանի էակ։ Երբ մեկը մոտենում է սրանց, նրանք այնպես են կուչ գալիս և թաքնվում, որ այնուհետև դժվար կլինի նրանց գետնից տարբերել։ Սննդանյութեր որոնելիս նրանք քայլում են դանդաղ, ոտքերն իրարից բավականին հեռացրած։ Նրանք թավալում են ճանապարհների փոշու մեջ և ավազուտ տեղերում և հաճախում որոշակի տեղեր, որտեղ նրանց կարելի է գտնել ամեն օր։ Կաքավների նման նրանք թռչում են երամներով։

Այս բոլոր առանձնահատկություններով, բուսական սննդին հարմարեցրած մկանային քարճիկով, կամարաձև կտուցով և մսոտ ռունգներով, կարճ ոտներով և ոտների ձևով տինոխորը մոտիկ ազգակից է լորամարգիներին, բայց հենց որ այդ թռչունը թռչում է, նրա ամբողջ տեսքը փոխվում է. երկար, սուր թևերը, որոնք չափազանց տարբեր են հավազգիների կարգի ներկայացուցիչների թևերից, թռիչքի անկանոն եղանակը, ողբանման ձայները, որ հանում է բարձրանալու ժամանակ, հիշեցնում են կտցարին։ «Բիգլ»-ի արշավախմբի անդամները բոլորը նրան անվանում են կարճակտուց կտցար։ Նրա կմախքը ցույց է տալիս, որ նա իրապես ազգակից է այս սեռին, կամ ավելի ճիշտ՝ բարձրասրունների ընտանիքին։

Բացի այդ, տինոխորը շատ մոտիկ է Հարավային Ամերիկայի մի շարք այլ թռչունների։ Attagis սեռի երկու տեսակները գրեթե բոլոր կողմերով իրենց սովորություններով ցախաքլորներ են։ Մեկն ապրում է Հրո Երկրում՝ անտառային շրջանի սահմաններից վերև, իսկ մյուսը՝ Կենտրոնական Չիլիի Կորդիլյերների հենց ձյան սահմանի տակին։ Մի այլ թռչուն՝ Cnionis alba, որը շատ մոտիկ է այս սեռին, բնակվում է անտարկտիկային շրջանում։ Նա սնվում է ծովային Ջրիմուռներով և մակընթացություններից ժայռերի վրա մնացած խեցիներով։ Թեև այս թռչունը մաշկոտնյա չէ, բայց անհասկանալի պատճառներում նա հաճախ պատահում է ծովում, ափից բավականին հեռու։ Թռչունների այս փոքրիկ ընտանիքն այն ընտանիքներից մեկն է, որոնք մյուս ընտանիքների նկատմամբ ունեցած իրենց զանազան հարաբերություններով որոշ դժվարություններ են առաջացնում բնագետ կարգաբանի համար։ Միաժամանակ պետք է ասել, որ նրանք հանդիսանում են միջոց՝ պարզելու այն մեծ սխեման, որն ընդհանուր է ներկա և անցյալ դարաշրջանների համար, որոնց ընթացքում ստեղծվել են կազմակերպված էակները։

Ֆուրնարիուս (Furnarius) սեռը պարունակում է մի քանի տեսակներ, որոնք բոլորն էլ փոքրիկ թռչուններ են։ Սրանք մնում են գետնի վրա և բնակվում բաց չոր երկրներում։ Կառուցվածքով նրանք չեն կարող համեմատվել եվրոպական որևէ ձևի հետ։ Թռչնաբաններն ընդհանրապես նրան դասում են մագլցողների շարքը, թեև բոլոր սովորություններով սրանք հակառակ են այդ ընտանիքին։ Ամենահայտնի տեսակը Լա Պլատայում տարածված հնոցահավն է, որին սպանացիներն անվանում են կասարա (Casara) կամ տուն շինող։ Նրա բունը, որտեղից և առաջանամ է իր անունը, տեղավորած է լինում վերին աստիճանի բաց տեղերում, ինչպես, օրինակ, սյան ծայրին, մերկ ժայռի կամ կակտուսի վրա։ Այդ բունը կազմված է տղմից և հարդի շյուղերից և ունի ուժեղ թանձր պատեր, և ձևով շատ նման է հնոցի կամ տափակացրած մեղվափեթակի։ Բնի բերանը լինում է մեծ և կամարաձև և անմիջականորեն դիմացը, բնում կա մի միջնապատ, որը հասնում է գրեթե մինչև առաստաղը, այս կազմում է իսկական բնի համար միզանցք կամ նախասենյակ։

Ֆուրնարիուսի մի այլ և ավելի փոքր տեսակը (F. cunicularius), իր փետուրների ընդհանուր կարմրավուն երանգավորումով, կրկնվող յուրահատուկ սուր ճչով և շարժվելիս ցատկումներով կատարած տարօրինակ վազքով նման է հնոցահավին։ Իր այս խնամակցության շնորհիվ սպանացիները նրան անվանում են կասարիտա (կամ տուն շինող), չնայած որ նրա բուն շինելու եղանակը բոլորովին տարբեր է։ Կասարիտան իր բունը շինում է ցիլինդրաձև նեղ անցքերի հատակին, որն, ասում են, հորիզոնական դիրքով տարածվում է գետնի տակ մոտ վեց ոտնաչափ։ Գյուղական բնակիչներից մի քանիսն ինձ ասում էին, որ փոքր հասակում իրենք մի քանի անգամ փորձել են փորել և դուրս բերել բունը, բայց նրանց չի հաջողվել հասնել մինչև անցքի վերջը։ Այս թռչունն իր բնի համար ընտրում է ցածրադիր թումբ կամ ամուր ավազային հող ունեցող վայր, ճանապարհի կամ առվի ափին։ Այստեղ (Բահիա Բլանկայում) տները շրջապատող պատերը շինված են կարծր ցեխով. և ես նկատեցի, թե ինչպես մի պատ, որը շրջապատում էր այն բակը, որտեղ ես օթևանել էի, քսան տեղ ծակված էր կլոր ծակերով։ Երբ տանտիրոջը հարցրի այդ ծակերի մասին, նա դառնորեն գանգատվեց փոքրիկ կասարիտայից. հետագայում ես տեսա նրանցից մի քանիսն այդպիսի ծակեր փորելիս։ Հետաքրքրականն այն է, որ այս թռչունները հաստությունն ըմբռնելու կարողություն բոլորովին չունեն, որովհետև թեև նրանք անընդհատ թռչկոտում էին ցածր պատի վրայով, բայց իզուր շարունակում էին նրա մեջ ծակեր բաց անել, կարծելով, որ այդ պատը մի սքանչելի թումբ է իրենց բների համար։ Չեմ կասկածում, որ յուրաքանչյուր թռչուն հենց որ հասնում էր լույս աշխարհ, ծակելով պատը, շատ էր զարմանում այդ տարօրինակ փաստի վրա։

Ես արդեն հիշատակել եմ այս երկրում տարածված գրեթե բոլոր կաթնասունները։ Զրահակիրներից կարելի է հանդիպել երեք տեսակների, դրանք են՝ Dasypus minutus կամ պիչի, D. villosus կամ պելուդո (peludo) և ապար (apar)։ Առաջինը տարածվում է տասն աստիճան ավելի հարավ, քան մյուս տեսակները. մի չորրորդ տեսակը — մուլիտան (mulita) — չի գալիս Բահիա Բլանկայից ավելի հարավ։ Այս չորս տեսակներն էլ ունեն գրեթե միատեսակ սովորություններ. սրանցից միայն պելուդոն գիշերային կենդանի է, մինչ մյուսները ցերեկով թափառում են բաց դաշտերում և սնվում բզեզներով, թրթուրներով, արմատներով և մինչև անգամ մանր օձերով։ Ապարը, որին հաճախ անվանում են նաև մատակո (mataco), հայտնի է նրանով, որ ունի միայն երեք շարժվող մանյականման գոտի, նրա զրահի մյուս գոտիները գրեթե չեն ծռվում։ Նա օժտված է բոլորվելով կատարյալ գնդի ձև ստանալու ունակությամբ, անգլիական մի տեսակ նեպուկի նման։ Այս վիճակում նա ապահով է շների հարձակումներից, որովհետև շունը չկարողանալով ամբողջ կենդանին վերցնել իր բերանը՝ փորձում է կծել կողքից, որի ժամանակ այդ գնդակը սահում գլորվում է տեղից տեղ։ Մատակոյի ողորկ և պինդ պատյանը շատ ավելի լավ միջոց է պաշտպանության, քան ոզնու սուր փշերը։ Պիչին նախընտրում է բնակվել շատ չոր տեղերում. և ծովափի մոտիկ ավազաթմբերը, որտեղ ամիսներով մի կաթիլ ջուր չի ընկնում, նրա սիրած հաճախատեղերն են։ Հաճախ նա փորձում է նկատվելուց խույս տալ գետնին կպչելով։ Բահիա Բլանկայի շրջակայքում ձիով մի օր ման գալիս մի քանիսին տեսանք միասին։ Հենց որ սրանցից մեկը նկատվում էր, նրան բռնելու համար անհրաժեշտ էր անմիջապես վայր իջնել ձիուց, որովհետև փափուկ հողում այս կենդանին այնքան արագ էր փորում գետինը և թաքնվում, որ նրա հետքը գրեթե կորչում էր նախքան ձիուց իջնելը։ Ցավալի բան է այսպիսի փոքրիկ, սիրուն կենդանիներին սպանելը, որովհետև, ինչպես ասում էր գաուչոն, որը մեկի հետևը կանգնած՝ դանակն էր սրում, „Son tan mansos” (սրանք այնքան հանգիստ են)։

Սողուններն այստեղ բավականին շատ են։ Այստեղ կա մի օձ (Trigonocephalus կամ Cophias), որը, նկատի ունենալով նրա ժանիքում եղած թույնի կանալի մեծությունը, պետք է խիստ թունավոր լինի։ Կյուվյեն, հակառակ մի շարք այլ բնագետների, այս օձը համարում է բոժոժավոր օձի ենթասեռերից մեկը և նրա ու իժի միջանկյալը։ Ի հաստատություն այս տեսակետի՝ ես նկատեցի մի փաստ, որն ինձ համար շատ հետաքրքրական էր և ուսանելի, որովհետև այդ ցույց էր տալիս, թե ինչպես յուրաքանչյուր հատկանիշ, մինչև անգամ եթե որոշ չափով հիմնական կառուցվածքից անկախ էլ լինի, հակում ունի աստիճանաբար փոխվելու։ Այս օձի պոչի ծայրը վերջանում է մի կետով, որը փոքր չափով լայնանում է. և երբ կենդանին սողում է, նա անընդհատ թրթռացնում է պոչի վերջին մատնաչափը, և այդ մասը դիպչելով չոր խոտերին և թփուտներին՝ առաջացնում է մի շառաչող ձայն, որը պարզ կերպով լսվում է վեց ոտնաչափ հեռավորությունից։ Հենց որ այդ օձը հուզվում էր կամ հանկարծակիի գալիս, շարժում էր իր պոչը և տատանումները կատարվում էին վերին աստիճանի արագ։ Մինչև անգամ քանի դեռ նրա մարմինը պահում էր իր գրգռված վիճակը, պարզ նկատվում էր սովորություն դարձած այս շարժումը կատարելու տենդենց։ Այսպիսով այս Trigonocephalus-ն ունի որոշ կողմերով իժի կառուցվածք, շառաչող օձի սովորություններով. պետք է ասել, որ աղմուկն առաջանում է համեմատաբար ավելի պարզ միջոցներով։ Այս օձի դեմքն ունի սոսկալի և կատաղի արտահայտություն։ Նրա բիբը կազմված էր ուղղաձիգ ճեղքից, որը գտնվում է պիսակավոր, և պղնձագույն ծիածանի մեջ. ծնոտները հիմքում լայն էին, իսկ քիթը վերջանում էր դուրս ցցված եռանկյունային մասով։ Ես չեմ կարծում, որ երբևէ տեսել եմ ավելի զզվելի մի բան, քան այս սողունը. գուցե վամպիր չղջիկներն այդ բանում գերազանցեն սրանց։ Ամենայն հավանականությամբ այդ վանողական ազդեցությունը ծագում էր նրանից, որ նրա դեմքի մասերն այնպես էին դասավորված իրար նկատմամբ, որ որոշ կողմերով պրոպորցիոնալ էին մարդու դեմքի մասերի դասավորմանը, և դրանից ստացվում էր այդ սոսկալի տպավորությունը։

Երկակենցաղ սողուններից ես գտա միայն մի փոքրիկ դոդոշ (Phryniscus nigricans), որը վերին աստիճանի ուշագրավ է իր գույնով։ Եթե մի րոպե երևակայենք, որ այդ կենդանին նախ թաթախված է ամենասև թանաքի մեջ և ապա չորանալուց հետո նրան թույլ է արված սողալ վերին աստիճանի պայծառ կինովարով (խրուկ) թարմ ներկված տախտակի վրա, այնպես որ նրա ոտքերի ներբանները և փորի որոշ մասեր ներկվեն կարմիր գույնով, կստացվի այդ կենդանու կերպարանքի լավ պատկերը։ Եթե մինչև այժմ այդ տեսակն անուն չունի, ապահովաբար նա պետք է անվանվի Diabolicus (սատանա), որովհետև նա Եվայի ականջին քարոզելու համար հարմար դոդոշ է։ Իր սովորություններով փոխանակ գիշերային լինելու, ինչպես մյուս գորտերն են, և մեկուսացած խոնավ աղոտ տեղերում ապրելու, նա ցերեկվա շոգին սողում է չոր ավազաթմբերի և հարթավայրերի վրա, որտեղ չի կարելի գտնել և ոչ մի կաթիլ ջուր։ Անպայման նա իրեն անհրաժեշտ խոնավությունն ստանում է ցողից, և այս ցողը հավանորեն կլանվում է նրա մորթու միջոցով, որովհետև հայտնի է, որ այս սողունները մաշկով ներծծումներ անելու մեծ կարողություն ունեն։ Մալդոնադոյում ես հանդիպեցի այս գորտերից մեկին, որն այնպես չոր վայրում էր գտնվում, ինչպես Բահիա Բլանկայում եղածները. այդ դրությունից ազատելու համար ես նրան տարա մի փոքրիկ լճակ։ Այս կենդանին ոչ միայն չէր կարողանում լողալ, այլ մինչև անգամ կխեղդվեր, եթե չօգնեի նրան։

Մողեսներից կային բազմաթիվ տեսակներ, բայց դրանցից միայն մեկը (Proctotretus multimaculatus) նշանավոր է իր սովորություններով։ Նա ապրում է ծովափին մոտիկ մերկ ավազի վրա և իր պիսակավոր գույնի շնորհիվ, որտեղ թխագույն թեփիկները բծավորված են սպիտակ, դեղնավուն-կարմիր և աղտոտ կապույտ գույնով, հազիվ թե տարբերվի իր շրջապատի գետնից։ Վախեցնելիս նա փորձում է նկատվելուց խույս տալ՝ մեռած ձևանալով, որի ժամանակ նա տարածում է իր ոտքերը, սեղմում մարմինը և փակում աչքերը։ Եթե շարունակում են նրան նեղել, նա մեծ արագությամբ թաղվում է թույլ ավազի մեջ։ Այս մողեսն իր տափակ մարմնի և կարճ սրունքների պատճառով արագ վազել չի կարող։

Այստեղ ես հիշատակելու եմ Հարավային Ամերիկայի այդ մասի կենդանիների ձմեռային քնին վերաբերող մի քանի դիտողություններ։ Առաջին անգամ Բահիա Բլանկա ժամանելիս (1832 թ. սեպտեմբերի 7) մեզ այնպես թվաց, թե այս ավազոտ և չոր երկրին հազիվ թե բնությունը շնորհած լինի որևէ կենդանի։ Բայց գետինը վարելիս կիսաթմրած վիճակում դուրս եկան մի քանի միջատներ, մեծ սարդեր և մողեսներ։ Սեպտեմբերի 15-ին սկսեցին երևալ մի քանի կենդանիներ, իսկ 18-ին (գիշերահավասարից երեք օր առաջ) ամեն ինչ ազդարարում էր գարնան սկսվելը։ Դաշտերը զարդարված էին վարդագույն թրթնջուկի, վայրի ոլոռի, էնոթերների և խորդենու ծաղիկներով, իսկ թռչուններն սկսել էին ձու ածել։ Բազմաթիվ Lamellicotnia և Heteromera միջատներ (վերջիններս աչքի էին ընկնում իրենց խորը քանդակված մարմնով) դանդաղորեն սողում էին այս ու այն կողմ, իսկ մողեսները, ավազային հողի այս մշտական բնակիչները, նետի պես սլանում էին ամեն ուղղությամբ։ Առաջին տասնմեկ օրում, որի ժամանակ բնությունը քնած վիճակում էր գտնվում, միջին բարեխառնությունը, որը չափվում էր «Բիգլ»-ի վրա յուրաքանչյուր երկու ժամը մեկ անգամ, 51°[62] էր, իսկ կեսօրին հազիվ թե ջերմաստիճանը 55°-ից բարձր լիներ։ Հաջորդ տասնմեկ օրում, որի ընթացքում բոլոր կենդանի էակներն ավելի աշխուժանան, միջին բարեխառնությունը 58° էր, իսկ կեսօրներին՝ վաթսունի և յոթանասունի միջև։ Այսպիսով, միջին ջերմաստիճանի բարձրացումը 7°-ով և կեսօրին ջերմաստիճանի մի փոքր ուժեղացումը բավական էր, որպեսզի բնության մեջ արթնացներ կյանքը։ Մոնտեվիդեոյում, որտեղից նոր էինք դուրս եկել, քսաներեք օրում՝ հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 19-ը կատարված 276 չափումից ստացված միջին ջերմաստիճանը 58,4° էր, ամենատաք օրվա միջինը լինելով 65,5°, իսկ ամենացուրտ օրվանը՝ 46°։ Ջերմաստիճանի ամենացածր կետը 41,5°-ն էր, որը երբեմն կեսօրին բարձրանում էր 60°-ի կամ 70°-ի։ Այնուամենայնիվ այս բարձր ջերմաստիճանում գրեթե բոլոր բզեզները, սարդերի մի քանի սեռեր, խխունջներ և ցամաքային խեցիներ, գորտեր և մողեսներ թմրած վիճակում պառկած էին քարերի տակ։ Մինչդեռ Բահիա Բլանկայում, որը չորս աստիճան էլ հարավ է գտնվում, ուստի և ունի քիչ ավելի ցուրտ կլիմա, մենք տեսանք, որ այս նույն ջերմաստիճանը, որի մաքսիմումը այնքան էլ բարձր չէր լինում, բավական էր, որ արթնացներ կենդանի էակների բոլոր կարգերը։ Այդ ցույց է տալիս, թե ինչպես կենդանիներին քնից արթնացնելու համար անհրաժեշտ խթանը ղեկավարվում է շրջանի սովորական կլիմայով և ոչ բացարձակ բարեխառնությունով։ Հայտնի է, որ արևադարձային շրջաններում կենդանիների քուն մտնելը, կամ ավելի ճիշտ՝ ամառային քունը որոշվում է ոչ թե ջերմաստիճանով, այլ խոնավության նվազման ժամանակներով։ Ռիո դե Ժանեյրոյի շրջակայքում ես սկզբում զարմանքով դիտում էի, թե ինչպես մի քանի փոսեր անձրևի ջրով լցվելուց մի քանի օր հետո նրանց մեջ հավաքվել էին բազմաթիվ լրիվ աճած խեցիներ և բզեզներ, որոնք այդ ժամանակ պետք է քնած լինեին։ Հումբոլտը պատմում է մի զարմանալի դեպք — մի անգամ հյուղակ են շինում այնպիսի մի վայրում, որտեղ չորացած տղմի մեջ թաղված է լինում մի փոքրիկ կոկորդիլոս։ Նա ավելացնում է, որ «հնդիկները հաճախ գտնում են բազմաթիվ բոաներ, որոնց նրանք անվանում են Uji կամ ջրային օձեր, միևնույն լեթարգիական վիճակում։ Նրանց վերակենդանացնելու համար պետք է նրանց գրգռել կամ ջրով թրջել»։

Ես հիշատակելու եմ նաև մի կենդանի ևս, մի զոոֆիտ (իմ կարծիքով՝ Virgularia Patagonica, ծսվափետրիկի մի տեսակը)։ Նա կազմված է բարակ, ուղիղ և մսոտ ցողունից՝ յուրաքանչյուր կողմի վրա ունենալով փոփոխակի շարքով պոլիպներ։ Այդ ցողունն ընգրկում է մի առաձգական քարային առանցք, որը լինում է ութ մատնաչափից մինչև երկու ոտնաչափ երկարության։ Ցողունի մի ծայրն ունի հատված ձև, իսկ մյուս ծայրը վերջանում է որդնաձև մսոտ հավելվածական մասով։ Քարոտ առանցքը, որը ցողունին ամրություն է տալիս, այս ծայրում վերածվում է մի սոսկ երակի՝ հատիկավոր նյութերով լցված։ Տեղատվությունների ժամանակ կարելի է տեսնել այս զոոֆիտներից հարյուրներ, որոնք խոզանի նման հատված ծայրերը մի քանի մատնաչափ վեր բռնած՝ ցցվում են ավազի տղմի մեջ։ Այդ ցցված ծայրերին դիպչելիս կամ նրանցից քաշելիս՝ նրանք հանկարծակի իրենց այնպիսի ուժով էին ներս քաշում, որ գրեթե ամբողջովին անհետանում էին տղմի մեջ։ Այս կատարելիս պետք է որ վերին աստիճանի առաձգական այդ առանցքը ներքևի ծայրում ծռվի, որտեղ նա բնականորեն քիչ կոր է, և ես կարծում եմ, որ զուտ այս առաձգականության շնորհիվ է, որ զոոֆիտը կարողանում է նորից բարձրանալ տղմի միջից։ Յուրաքանչյուր պոլիպ, որչափ էլ միացած լինի իր եղբայրների հետ, դարձյալ ունի իր առանձին բերանը, մարմինը և շոշափուկները։ Մի մեծ նմուշում այս պոլիպների թիվը կարող է հասնել մի քանի հազարի, սակայն մենք տեսնում ենք, որ նրանք բոլորը մի անգամից են շարժվում։ Ուրեմն նրանք ունեն նաև մի կենտրոնական առանցք, որը կապված է բարդ շրջանառություն ունեցող սիստեմի հետ, և ձվերն արտադրվում են բոլոր անհատներից անջատ մի օրգանում։[63] Գուցե մեկը հարցնի, թե ի՞նչ է անհատը։ Հաճախ, երբ կարդում ենք ծովային ճանապարհորդների տարօրինակ պատմությունները, շատ ենք ուզում իմանալ նրանց իսկությունը, և ես չեմ կասկածում, որ այս virgularia-ի սովորությունները պարզաբանում են այսպիսի պատմությունները։ Կապիտան Լանկաստերը 1601 թվին կատարած իր ծովային ճանապարհորդության մեջ[64] պատմում է, թե ինչպես Արևելյան Հնդկաստանի Սոմբրերո կղզու ավազոտ ափերին նա գտել է մի փոքրիկ ճյուղ, որն այնտեղ աճելիս է եղել ինչպես փոքրիկ ծառ։ «Այդ ծառը պոկելու փորձ կատարելիս,— ասում է նա,— կուչ էր գալիս և անցնում գետնի տակ և մինչև ամուր չպահեինք նրան, նա աչքից կորչում էր։ Պոկելուց հետո պարզվում է, որ նրա արմատը կազմում է մի մեծ որդ, և որչափ ծառը մեծանում է, այնքան որդը փոքրանում է. և երբ հենց որ որդն ամբողջովին փոխվում է ծառի, արմատներ է թողնում դեպի գետին և այսպիսով դառնում մի մեծ բան։ Այս ձևափոխությունն իմ ամբողջ ճանապարհորդության մեջ տեսած ամենազարմանալի հրաշքներից մեկն էր։ Այս ծառը փոքր ժամանակ պոկելիս, կեղևը և տերևները հեռացնելիս և չորացնելիս դառնում է մի կարծր քար, որը շատ նման է սպիտակ կորալի, այսպիսով այս որդը երկու անգամ փոխում է իր բնույթը։ Սրանցից շատ նմուշներ մենք հավաքեցինք և բերինք տուն»։

Իմ Բահիա Բլանկա մնալու ժամանակամիջոցին, երբ սպասում էի «Բիգլ»-ին, այդ շրջանը գտնվում էր մշտական հուզված վիճակում, որն առաջանում էր գեներալ Ռոսասի և վայրենի հնդիկների խմբերի մեջ տեղի ունեցող պատերազմների և հաղթությունների մասին եղած տարաձայնություններից։ Մի օր լուր տարածվեց, որ Բուենոս Այրես գիծը կազմող պոստաներից մեկում գտնվող մի փոքր խումբ գտնվել է մինչև վերջին մարդն սպանված։ Մյուս օրը Կոլորադոյից այդ վայրը ժամանեցին երեք հարյուր մարդ, որոնք գտնվում էին հրամանատար Միրանդայի ղեկավարության ներքո։ Այս խմբի մեծ մասը կազմում էին հնդիկները (mansos, այսինքն ընտանի), որոնք պատկանում էին կասիկ Բերնանցիոյի ցեղին։ Նրանք գիշերն անցկացրին այստեղ, և հնարավոր չէր պատկերացնել ավելի անզուսպ և վայրենի մի բան, քան նրանց բացօթյա բանակատեղի տեսարանը։ Մի քանիսը խմեցին մինչև կատարելապես հարբելը, մյուսները կուլ էին տալիս ընթրիքի համար մորթված անասունների հոսող արյունը և ապա խմելուց հիվանդանալով՝ նորից ետ էին տալիս իրենց խմածը և թավալվում ապականության և թանձրացած արյան մեջ։


Nam simul expletus dapibus, vinoque sepultus
Cerviсen inflexam posuit, jacuitque per antrum
Immensus, saniem eructans, ac frusta cruenta
Per somnum commixta mero.

Առավոտյան նրանք մեկնեցին դեպի սպանության վայրը՝ հրաման ստանալով հետևելու „rastro”-յին կամ հետքերին, եթե նույնիսկ այդ հետքերը շարունակվեն մինչև Չիլի։ Այնուհետև լսեցինք, որ վայրի հնդիկները փախել են մեծ պամպասները, և մի շարք պատճառներով նրանց հետքը կորել էր։ Մի ակնարկ այս ռաստրոյի (հետքերի) վրա բավական է, որպեսզի այս մարդկանց համար պարզվի մի ամբողջ պատմություն։ Ասենք՝ թե սրանք քննում են հազար ձիու հետք, նրանք շուտով կգտնենք թե այդ ձիերից քանիսն են հեծած, նկատի ունենալով քառասմբակ գնացող ձիերի թիվը, հետքերի խորությունից նրանք իմանում են, թե քանի բեռնավորված ձիեր կան։ Քայլերի անկանոնությունից գուշակում են հոգնածների թիվը, կերակուրը եփելու, պատրաստելու եղանակից՝ հետապնդվողների շտապողականությունը, հետքերի ընդհանուր տեսքից՝ նրանց այդտեղից անցնելու ժամանակը։ Նրանց համար տասն օրվա կամ երկու շաբաթվա հետքը բոլորովին թարմ է համարվում և կարելի է հետապնդել։ Մենք լսեցինք, որ Միրանդան Սիերա Վենտանայի արևմտյան ծայրից դուրս գալով՝ ուղիղ գծով հասել էր Չոլեչել կղզին, որը գտնվում է Ռիո Նեգրոյից յոթանասուն փարսախ վերև։ Այս հեռավորությունը կազմում է երկու հարյուրից երեք հարյուր մղոն և անցնում է այնպիսի վայրերով, որ բոլորովին անծանոթ է։ Արդյոք աշխարհում մի այլ տեղ գոյություն ունի՞ զինվորների այսպիսի անկախ խումբ։ Արևն ունենալով որպես առաջնորդ, մատակ ձիերի միսը՝ որպես սնունդ, թամբաշորը՝ որպես անկողին, և քանի դեռ գտնում են քիչ ջուր, այս մարդիկ կգնան մինչև աշխարհի վերջը։

Մի քանի օրից հետո տեսա այս բանդիտանման զինվորների մի այլ խումբ, որոնք արշավում էին փոքր սալինաների (աղային լիճ) շուրջը գտնվող հնդիկների մի ցեղի վրա։ Նրանց մատնել էր գերի վերցված մի կասիկ։ Այն սպանացին, որը բերել էր այս արշավախմբի հրամանները, մի շատ ինտելիգենտ մարդ էր։ Նա ինձ պատմեց վերջին կռվի մասին, որտեղ եղել էր և ինքը։ Մի քանի գերի վերցրած հնդիկներ որոշ տեղեկություններ են տալիս Կոլորադոյից հյուսիս ապրող մի խումբ հնդիկների մասին. ուղարկում են երկու հարյուր զինվոր։ Այս զինվորները հնդիկներին հայտնաբերում են նրանց ձիերի սմբակներից առաջացած փոշու ամպի միջոցով. այդ պահին հնդիկները գտնվելիս են լինում ճանապարհորդության մեջ։ Այդ շրջանն ամայի էր և լեռնոտ, և պետք է որ նա գտնվեր խորքերում, որովհետև այնտեղից երևացել են Կորդիլյերները։ Հնդիկները, մարդ, կին և երեխա, բոլորը միասին կազմել են թվով հարյուր տասը մարդ, և նրանք բոլորն էլ գերի են բռնվում կամ սպանվում, որովհետև զինվորները սրի են քաշում բոլորին։ Հնդիկները այժմ այնպես են սարսափահար եղել, որ ոչ մի միացյալ դիմադրություն չեն ցույց տալիս, յուրաքանչյուրն աշխատում է իր գլուխն ազատել փախչելով, լքելով մինչև անգամ իր կնոջը և երեխաներին, բայց երբ նրանց հետևից հասնում են, վայրի կենդանիների նման նրանք կռվում են որևէ թվի դեմ մինչև վերջին վայրկյանը։ Նա պատմում էր, որ մի մեռնող հնդիկ իր ատամներով բռնած է լինում իր հակառակորդի բութ մատը. նրա աչքը հանում են, բայց նա դեռ մատը բաց չի թողնում։ Մի այլ հնդիկ, որը վիրավորված է լինում և մեռած է ձևանում, պատրաստ է պահում դանակը մի մահացու հարված ևս տալու համար։ Ինձ պատմողն այնուհետև ավելացրեց, որ երբ նա հետապնդելիս է լինում մի հնդիկի, հնդիկը գթություն է աղերսում, միաժամանակ ծածուկ արձակում մեջքից բոլասը, նպատակ ունենալով պտտեցնել այն իր գլխավերևը և խփել իր հալածողին։ «Այնուամենայնիվ ես իմ սրով գետին գլորեցի նրան և ցած իջնելով ձիուց՝ նրա վիզը կտրեցի իմ դանակով»։ Այս մի վերին աստիճանի մռայլ պատկեր է, բայց որչափ ավելի ցնցող է այն անառարկելի փաստը, որ քսան տարեկանից վեր տեսք ունեցող բոլոր կանանց սպանացիները կոտորում են շատ սառնարյուն կերպով։ Երբ ես բացագանչեցի, որ այս վերին աստիճանի վայրագ, ոչ մարդկային գործ է, նա պատասխանեց. «Ինչո՞ւ, ի՞նչ կարելի է անել, չէ որ նրանք այնքա՜ն արագ են բազմանում»։

Այստեղ ամեն ոք լրիվ համոզված է, որ այս ամենաարդարացի պատերազմն է, որովհետև նա ուղղված է բարբարոսների դեմ։ Ո՞վ կարող էր հավատալ այս դարում, որ այսպիսի գազանություններ կարող էին տեղի ունենալ քրիստոնյա քաղաքակիրթ երկրում։ Սպանացիները հնդիկների երեխաներին չեն սպանում, գերադասում են նրանց վաճառել սպիտակներին որպես ծառաներ, այսինքն որպես ստրուկներ։

Կռվում չորս հնդիկ փախչում են միասին։ Նրանց հետապնդում են, մեկին սպանում, իսկ մյուս երեքին բռնում կենդանի։ Պարզվում է, որ սրանք ընդհանուր պաշտպանության նպատակի համար Կորդիլյերների մոտ հավաքված մեծ թվով հնդիկների պատգամավորներ են։ Այն ցեղը, որի մոտ ուղարկված էին այս հնդիկները, հավաքվել էր մի մեծ խորհրդակցության. մատակ ձիերի մսից կազմված խնջույքը պատրաստ է լինում, և պատրաստվում են պարի։ Պատգամավորներն առավոտյան պետք է վերադառնային Կորդիլյերները։ Սրանք գեղեցիկ տղամարդիկ են լինում, շատ գեղեցիկ, ունենալով ավելի քան վեց ոտնաչափ հասակ, և բոլորն էլ հազիվ երեսուն տարեկան։ Իհարկե, կենդանի մնացած երեք մարդն ունեին շատ արժեքավոր տեղեկսւթյուններ, և այդ գաղտնիքները նրանցից կորզելու համար նրանց շարում են մի գծի վրա։ Առաջին երկուսը հարցաքննվելիս պատասխանում են՝ „No sé” (չգիտեմ) և մեկը մյուսի հետևից գնդակահարվում։ Երրորդը նույնպես ասում է „No sé”, ավելացնելով՝ «Կրակեցե՛ք, ես տղամարդ եմ և կարող եմ մեռնել»։ Նրանք չուզեցին ասել և ոչ մի բառ, որը կարող էր վնասել իրենց երկրի ընդհանուր, միացյալ գործին։ Վերևում հիշատակված կասիկի վերաբերմունքը բոլորովին տարբեր էր. նա իր կյանքը փրկեց՝ մտադրված պատերազմի ծրագիրը և Անդերում իրար միանալու վայրը հայտնելով։ Կարծում էին, որ այնտեղ արդեն հավաքվել են վեց կամ յոթ հարյուր հնդիկ և ամառը նրանց թիվը կարող էր կրկնապատկվել։ Հնդիկները պետք է որ դեսպաններ ուղարկած լինեին Բահիա Բլանկայի մոտ գտնվող փոքր սալինաների ցեղերի մոտ, որոնց, ինչպես ասացի վերևում, մատնել էր այս նույն կասիկը։ Այսպիսով հաղորդակցությունը հնդիկների միջև տարածվում էր Կորդիլյերներից մինչև Ատլանտյան օվկիանոսի ափերը։

Գեներալ Ռոսասի ծրագիրն է կոտորել բոլոր թափառաշրջիկներին, իսկ մնացածներին քշելով մի ընդհանուր վայր՝ ամառը Չիլիի օգնությամբ նրանց բոլորի վրա կազմակերպել մի ընդհանուր հարձակում։ Այս գործողությունը կրկնվելու է հաջորդ երեք տարիներում։ Ես կարծում եմ, որ գլխավոր հարձակման ժամանակն ընտրված է ամառը սոսկ այն պատճառով, որ այդ հարթավայրերն ամառն անջուր են լինում, և հնդիկները կարող են ճանապարհորդել որոշ ուղղություններով միայն։ Հնդիկների փախուստը Ռիո Նեգրոյից հարավ, որտեղ շնորհիվ այդ երկրի ընդարձակության նրանք կարող են ապահով լինել, խափանվում է տեհուելչեսների հետ կապված մի դաշնադրությամբ, որի համաձայն գետից հարավ անցնող յուրաքանչյուր հնդիկի ոչնչացման համար Ռոսասը վճարում է որոշ գումար, իսկ եթե նրանք չկատարեն այս պարտավորությունները, իրենք ևս կենթարկվեն բնաջնջման։ Պատերազմը շատ ուժեղ է գլխավորապես Կորդիլյերներին մոտիկ գտնվող հնդիկների դեմ, որովհետև արևելյան կողմում հնդիկ ցեղերից շատերը Ռոսասի հետ միասին կռվում են մյուս հնդիկների դեմ։ Այնուամենայնիվ այս գեներալը, լորդ Չեսթերֆիլդի նման մտածելով, որ այսօրվա իր բարեկամները վաղը կարող են իր թշնամիները լինել, նրանց միշտ կռվի առաջին շարքերն է ուղարկում՝ նպատակ ունենալով այսպիսով նվազեցնել նրանց թիվը։ Հարավային Ամերիկայից մեկնելուց հետո մենք լսեցինք, որ հնդիկների բնաջնջման այս պատերազմն ամբողջովին ձախողել է։

Այդ կռվում գերի վերցրած աղջիկների մեջ կային երկու շատ գեղեցիկ սպանուհի, որոնք փոքր ժամանակ տարվել էին հնդիկների կողմից այժմ խոսում էին միայն հնդիկների լեզվով։ Նրանց ցուցմունքներից երևում էր, որ նրանք պետք է եկած լինեին Սալտայից,— մի տարածություն, որն ուղիղ գծով կլինի մոտ հազար մղոն։ Այս փաստը ցույց է տալիս, թե ի՜նչպիսի, ընդարձակ տարածության վրա են թափառում հնդիկները։ Չնայած այդ տերիտորիայի ընդարձակության, ես կարծում եմ, որ կես դար հետո Ռիո Նեգրոյից հյուսիս ոչ մի հնդիկ չի մնա։ Պատերազմն այնպես արյունոտ է, որ երկար շարունակվել չի կարող։ Քրիստոնյաները չեն խնայում և ոչ մի հնդիկի, նույն բանը կատարվում է և հնդիկների կողմից։ Շատ տխուր է տեսնել, թե ինչպես հնդիկներն անընդհատ տեղի են տվել սպանացի նվաճողների առջև։ Շիրդելն[65] ասում է, որ 1535 թվին Բուենոս Այրեսի հիմնադրման ժամանակ այդ շրջանում կային երկու կամ երեք հազար բնակիչ ունեցող գյուղեր։ Մինչև անգամ Ֆալկոների ժամանակ (1750) հնդիկներն արշավանքներ էին կատարում մինչև Լուքսան, Արեկո և Արեցիֆե, իսկ այժմ նրանք քշված են Սալադոյից էլ այն կողմը։ Ոչ միայն ոչնչացել են ամբողջ ցեղեր, այլ մնացածներն է՛լ ավելի են բարբարոսացել, փոխանակ գյուղերում ապրելու և ձկնորսությամբ ու որսորդությամբ զբաղվելու, նրանք այժմ թափառում են բաց դաշտերում՝ չունենալով ոչ տուն և ոչ էլ որոշակի զբաղմունք։ Ես լսեցի նաև մի շարք մանրամասնություններ մի կռվի մասին, որը տեղի էր ունեցել հիշատակված կռվից մի քանի շաբաթ առաջ Չոլեչելում։ Այս տեղը վերին աստիճանի կարևոր մի կայան է, որովհետև այստեղից անցնում են ձիերը (Ռիո Նեգրո գետով), հետևաբար և որոշ ժամանակ նա բանակի մի դիվիզիայի շտաբն էր հանդիսանում։ Երբ առաջին անգամ զինվորական խմբերը երևում են այստեղ, նրանք տեղում գտնում են հնդիկների մի ցեղ, որոնցից սպանում են քսան-երեսուն մարդ։ Ցեղի առաջնորդը՝ կասիկն այնպիսի ճարպկությամբ էր փախել, որ զարմացրել էր բոլորին։ Առաջնորդ հնդիկները սովորաբար ունենում են երկու ընտրված ձի, որոնց նրանք միշտ պահում են պատրաստ վիճակում՝ խիստ անհրաժեշտ պարագայի համար։ Սրանցից մեկին — մի ծերացած սպիտակ ձի — հեծնում է կասիկը՝ իր հետ վերցնելով իր փոքրիկ որդուն։ Ձին ոչ թամբ է ունենում, ոչ սանձ։ Գնդակներից ապահով լինելու համար այդ հնդիկը ձին հեծնում է իր ազգին հատուկ ձևով, այն է՝ մի ձեռքով փաթաթվում է ձիու վզին և մի ոտն էլ դնում կռնակին։ Այսպես կախված մի կողմով նա սկսում է շոյել ձիու գլուխը և խոսել նրա ականջին։ Նրան հալածողների գործադրած բոլոր ջանքերը և միջոցները, ինչպես և հրամանատարի երեք անգամ ձի փոխելն իզուր են անցնում։ Ծեր հնդիկ հայրը և իր որդին փախչում են և ազատվում։ Ի՜նչպիսի գեղեցիկ պատկեր է ստացվում մարդու մտքում — ծեր մարդու և իր փոքրիկ որդու բրոնզանման կերպարանքը, հեծած, Մազեպայի նման, սպիտակ ձիու վրա, հետևում թողնելով իրեն հալածողների խմբերը։

Մի օր ես տեսա մի զինվոր, որը կայծքարի կտորով կրակ էր առաջացնում. ես անմիջապես նկատեցի, որ այդ կայծքարը եղել է նետի գլխի մի մասը։ Նա ինձ ասաց, որ այդ քարը գտնվել է Չոլեչել կղզու շրջակայքում, և այնտեղ դրանից շատ կա։ Նա ուներ երկուսից-երեք մատնաչափ երկարություն, երկու անգամ ավելի մեծ, քան այժմ Հրո Երկրում գործածվող կայծքարերն են։ Նա պատրաստված էր անթափանց, կաթնագույն քարից, բայց նրա ծայրը և կարթերը դիտմամբ կոտրել էին։ Լավ հայտնի է, որ պամպասների հնդիկներից ոչ ոք նետ ու աղեղ չի գործածում, իմ կարծիքով միայն բացառություն է կազմում Բանդա Օրիենտալում գտնվող մի փոքրիկ ցեղ, բայց սրանք պամպասների հնդիկներից չափազանց հեռու են ու բաժանված և շատ մոտիկ են այն ցեղերին, որոնք ապրում են անտառներում և տարածություններն անցնում են ոտքով։ Ուստի պետք է եզրակացնել, որ այս նետի գլուխները հին ժամանակներում[66] հնդիկների գործածած զենքերի մնացորդներն են, որոնք գոյություն են ունեցել նախքան Հարավային Ամերիկա ձի ներմուծելը, որը նրանց սովորությունների մեջ մեծ փոփոխություններ առաջացրեց։


ՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԲԱՀԻԱ ԲԼԱՆԿԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԲՈԻԵՆՈՍ ԱՅՐԵՍ

Ուղևորություն դեպի Բուենոս Այրես.— Ռիո Սաուսե.— Սիերա Վենտանա.— Երրորդ պոստը.— Ձիերի փոխադրումը.— Բոլա.— Կաքավներ և աղվեսներ.— Այդ շրջանի բնույթը.— Երկարասրուն ճեղագռավ.— Տերու-տերո.— Կարկտի տարափ.— Բնական պարիսպներ Սիերա Տաբալգուենում.— Պումայի միսը.— Մսե սնունդ.— Գվարդիա դել Մոնտե.— Անասունների ազդեցությունը բուսականության վրա.— Կարդոն.— Բուենոս Այրես.— Կորալներ, որտեղ մորթում են անասուններ։

Սեպտեմբերի 8.— Ես վարձեցի մի գաուչո, որպեսզի ինձ ուղեկցեր Բուենոս Այրես գնալու համար, ինձ համար այնքան էլ հեշտ չէր ընկեր գտնելը, որովհետև մեկի հայրը, վախենալով, չէր ուզում, որ իր որդին գա ինձ հետ, իսկ մի ուրիշ մարդ թեև ուզում էր գալ, բայց ես վախենում էի նրան ինձ հետ վերցնեմ, որովհետև ինձ ասել էին, որ նա չափազանց վախկոտ է և մինչև անգամ եթե հեռվում տեսնի մի ջայլամ, կկարծի, թե հնդիկ է, և քամու նման կկորզի։ Մինչև Բուենոս Այրես հեռավորությունը մոտավորապես չորս հարյուր մղոն է (600 կիլոմետր), և գրեթե ամբողջ ճանապարհն անցնում է անմարդաբնակ վայրերով։ Մենք ճանապարհ ընկանք առավոտյան շատ վաղ, մի կանաչ հովտով, որի վրա գտնվում է Բահիա Բլանկան. մի քանի հարյուր ոտնաչափ բարձրանալուց հետո մտանք մի ընդարձակ ամայի հարթավայր։ Նա կազմված է փշրված կրա-կավային ապառից, որի վրա, շնորհիվ կլիմայի չոր բնույթի, ցրված են չորացած խոտերի փնջեր. չկա մի ծառ կամ թփուտ, որը խանգարի այս հարթավայրի միօրինակությունը։ Եղանակը շատ լավ էր, բայց մթնոլորտն զգալիորեն մշուշոտ էր։ Ես կարծում էի, որ օդի այդ տեսքը նշան է ուժեղ քամու, բայց գաուչոն ասաց, որ այդ արդյունք է դաշտի հեռավոր խորքերի որոշ մասերում տեղի ունեցող հրդեհի։ Երկար ժամանակ ձիերը քառատրոփ վազեցնելուց և երկու անգամ փոխելուց հետո հասանք Ռիո Սաուսե։ Այս մի խորը, սրընթաց, փոքրիկ գետ է, ոբի լայնությունը քսանհինգ ոտնաչափից չի անցնում։ Բուենոս Այրեսի ճանապարհի երկրորդ պոստը գտնվում է նրա ափերին, քիչ վերևում կա ձիերի անցնելու համար մի ծանծաղուտ, որտեղ ջուրը չի հասնում ձիերի փորին։ Բայց այդտեղից սկսած մինչև ծովը թափվելն այդ գետն այնքան սրընթաց է, որ բոլորովին անանցանելի է, ուստի և նա հանդիսանում է մի չափազանց օգտակար պատվար հնդիկներից պաշտպանվելու համար։

Չնայած այս գետի այսպես փոքր լինելուն՝ ճիզվիտ Ֆալկոները, որի վկայություններն ընդհանրապես շատ ճիշտ են, այդ անվանում է Կորդիլյերների ստորոտից սկիզբ առնող մի կարևոր գետ։ Ինչ վերաբերում է նրա ակունքին, կասկածից դուրս է, որ նրա ակունքը գտնվում է Կորդիլյերներում. որովհետև գաուչոները վստահացնում էին, որ մինչև անգամ ամառվա չոր եղանակներին Կոլորադոյի հետ միասին այս գետն ունենում է պարբերական հեղեղումներ, որոնք կարող են առաջանալ միայն Անդերի ձյան հալչելուց։

Շատ անհավանական է թվում, որ Ռիո Սաուսեի նման մի փոքրիկ գետակ, ինչպիսին որ ես տեսնում էի այդ ժամանակ, կարող է կտրել անցնել այդ ամբողջ ցամաքամասն իր լայնությամբ, իսկ եթե այդ մի մեծ գետի մնացորդ էր, նրա ջուրը, այլ ապացուցված դեպքերի նման, պետք է աղի լիներ։ Պետք է ընդունել, որ ձմեռն այս մաքուր և վճիտ գետակի ակունքները հանդիսանում են Սիերա Վենտանայի շրջապատի աղբյուրները։ Հավանորեն Պատագոնիայի հարթավայրերից, Ավստրալիայի հարթավայրերի նման, անցնում են ջրի բազմաթիվ հոսանքներ, որոնք տարվա մեջ միայն որոշ պերիոդներում են լցվում ջրերով։ Ըստ երևույթին Պորտ Դեզիրեի մոտ ծովը թափվող ջուրն ունի այսպիսի բնույթ, ինչպես և Ռիո Չուպատը, որի ափերին սպաները, որոնք զբաղված էին քարտեզահանումներով, գտան խիստ ծակոտկեն շլակի զանգվածներ։

Որովհետև երբ մենք այդտեղ ժամանեցինք, դեռ նոր էր կեսօր եղել, մեզ հետ վերցնելով որպես ուղեկից մի զինվոր և մի քանի թարմ ձիեր՝ մեկնեցինք դեպի Սիերա դե լա Վենտանա։ Այս սարը երևում է Բահիա Բլանկայում խարսխակայանից. և, ըստ կապիտան Ֆից Ռոյի, նա պետք է ունենա 3340 ոտնաչափ բարձրություն. մի բարձրություն, որը շատ նշանակալի է այս երկրամասի արևելյան կողմում։ Ինձ հայտնի չէ, թե արդյոք ինձանից առաջ որևէ ճանապարհորդ այդ սարը բարձրացել է, թե ոչ. և իսկապես, Բահիա Բլանկայում գտնվող զինվորներից շատ քչերը տեղեկություն ունեին այդ սարի մասին։ Խոսում էին այնտեղի իբր թե գոյություն ունեցող քարածխի շերտերի, ոսկու և արծաթի հանքերի, ինչպես և քարանձավների և անտառների մասին, որոնք բորբոքում էին իմ հետաքրքրությունը, հետագայում հուսախաբ լինելու համար։ Հեռավորությունը պոստից վեց փարսախ էր. նա գտնվում էր մի հարթավայրի վրա, որն ուներ նկարագրված այդ դաշտերի ընդհանուր տեսքը։ Երբ երևաց սարի իսկական ձևը, մեր ճանապարհը, որն անցնում էինք ձիով, ավելի հետաքրքրական դարձավ։ Երբ հասանք գլխավոր գագաթի ստորոտը, բավականին նեղվեցինք ջուր չլինելու պատճառով, և համոզված էինք, որ ստիպված կլինենք գիշերն առանց ջրի անցկացնելու։ Վերջապես լեռան շատ մոտիկ մի տեղ, ուշադիր որոնումից հետո, մի քանի հարյուր յարդ հեռավորության վրա հայտնաբերեցինք մի քանի առվակներ, որոնք ամբողջովին թաղված և կորած էին փխրուն կրաքարերի և քայքայված ապառների տակ։ Չեմ կարծում, որ բնությունը երբևէ ավելի առանձնացած և ամայի ապառների կույտեր առաջացրած լինի, քան այս. նա արժանի է իր Hurtado կոչումին, որ նշանակում է անջատված։ Այս սարը շատ դիք է ու վերին աստիճանի խորտուբորտ և ծառերից, մինչև անգամ թփուտներից այնքան է զուրկ, որ մենք չէինք կարողանում պատրաստել մի շամփուր, որպեսզի ուղտափշից[67] պատրաստած կրակի վրա բռնեինք մեր խորովելու միսը։ Այս սարի արտասովոր տեսքը ծովանման հարթավայրի նկատմամբ կազմում էր կատարյալ կոնտրաստ։ Այդ հարթավայրը ոչ միայն վերջանում է նրա դիք կողերի անմիջական տակին, այլ նաև բաժանում է զուգահեռ լեռնաշղթաները։ Գույների միօրինակությունը մի կատարյալ անդորրություն է տալիս այդ տեսարանին։ Կվարցի ապառների սպիտակավուն գորշ գույնը հարթավայրի թառամած կանաչի բաց թուխ գույների հետ միասին չեն փոխարինվում այլ, ավելի պայծառ և նուրբ երանգներով։ Սովորաբար մարդ բարձր և ցցուն լեռների շրջակայքում սպասում է տեսնել խորտուբորտ տարածություններ, որոնց վրա ամեն կողմ տարածված են մեծ բեկորներ։ Այստեղ բնությունը կարծեք թե ցույց է տալիս, որ ծովի հատակը ցամաքի փոխվելուց առաջ տեղի ունեցող վերջին շարժումը երբեմն կարող է շատ հանդարտ լինել։ Ես հետաքրքրվում էի իմանալու, թե այսպիսի պայմաններում մայր ապառից որչափ հեռու կարելի է խճեր գտնել։ Բահիա Բլանկայի ծովափերին և գաղթավայրի շրջակայքում գտնվեցին կվարցի խճեր, որոնք, իհարկե, այս աղբյուրից պիտի բերված լինեին. այդ հեռավորությունը քառասունհինգ մղոն է։

Թամբաշորերը, որոնց տակ մենք քնել էինք, գիշերվա առաջին մասում թրջվել էին նրանց վրա իջած ցողից, որն առավոտյան սառել էր։ Այդ հարթավայրը, թեև երևում էր հորիզոնական, ուներ որոշ անզգալի թեքություն, որի բարձրությունը, ծովի մակերևույթից հաշված, այդտեղ հասնում էր 800-ից մինչև 900 ոտնաչափի։ Առավոտյան (սեպտեմբերի 9-ին) ուղեկիցս ինձ առաջարկեց բարձրանալ ամենամոտիկ բարձունքը, որն, ըստ նրա կարծիքի, ինձ ճանապարհ կտար դեպի այն չորս գագաթները, որոնք պսակում են ընդհանուր կատարը։ Այսպիսի խորտուբորտ լեռներից բարձրանալը վերին աստիճանի հոգնեցուցիչ էր։ Լանջերն այնքան անկանոն էին, որ հաճախ բարձրանալիս ինչ որ շահում էինք հինգ րոպեում, կորցնում էինք հաջորդ հինգ րոպեում։ Վերջապես երբ հասա բարձունքը, իմ հիասթափությունը չափազանց մեծ էր. մեր առջև բացվեց մի գահավեժ հովիտ, որն այնքան խոր էր, որքան այն հարթավայրը, որը շղթան տրանսվերսալ ձևով բաժանում էր երկու մասի և ինձ բաժանում չորս գագաթներից։ Այս հովիտը շատ նեղ է, բայց ունի տափակ հատակ, և նա հանդիսանում է հնդիկների ձիերի համար անցնելու հարմար տեղ, որովհետև նա միացնում է շղթայի հյուսիսային և հարավային կողմերում գտնվող հարթավայրերը։ Իջնելով ներքև և անցնելով հովտից՝ ես նկատեցի արածող երկու ձի, անմիջապես թաքնվեցի բարձր կանաչ խոտի մեջ և սկսեցի դիտել շրջապատս, բայց որովհետև ես ոչ մի հնդիկի հետք չնկատեցի, զգուշությամբ սկսեցի երկրորդ վերելքը։ Արդեն ուշ էր, և լեռան այս մասը մյուս մասի նման զառիվայր էր և խորտուբորտ։ Ժամը երկուսին գտնվում էի երկրորդ գագաթի վրա, բայց ես բարձրացա մեծ դժվարությամբ. յուրաքանչյուր քսան յարդի վրա ես ունենում էի միաժամանակ երկու ազդրերի վերին մասերում ջղակծկումներ, այնպես որ վախենում էի, թե չկարողանամ նորից իջնել ներքև։ Անհրաժեշտ էր նաև վերադառնալ մի այլ ճանապարհով, որովհետև լեռան թամբով վերադառնալու մասին մտածելը բոլորովին իզուր էր։ Ուստի ես ստիպված էի հրաժարվելու մյուս երկու բարձր գագաթները բարձրանալու մտքից. նրանց բարձրությունը մյուսներից շատ քիչ բանով էր տարբերվում, և երկրաբանական բոլոր նպատակները բավարարված էին. այնպես որ չէր արժենա ենթարկվել այնպիսի փորձությունների, որ կարող էին առաջանալ բարձրանալիս։ Ենթադրում եմ, որ ջղաձգության պատճառը մկանային գործունեության տեսակների մեծ փոփոխությունն էր,— մի կողմից ձի նստելը, որը բավականին հոգնեցուցիչ էր, և մյուս կողմից սար մագլցելը, որ ավելի հոգնեցուցիչ էր։ Այդ մի դաս է և արժե միշտ հիշել, որովհետև որոշ դեպքերում այդ կարող է մեծ դժվարություններ պատճառել։

Արդեն ասել եմ, որ այս սարը բաղկացած է սպիտակ կվարցի ապառից, նրան զուգակցում են նաև փոքր քանակությամբ կավային ողորկ հերձաքարեր։ Հարթավայրից մի քանի հարյուր ոտնաչափ բարձրության վրա մի քանի տեղ կոնգլոմերատի կույտերը կպել էին պինդ ապառին։ Նրանք իրենց կարծրությամբ և ցեմենտային բնույթով նման էին այն զանգվածներին, որոնք ամեն օր առաջանում են մի քանի ծովափերում։ Ես չեմ կասկածում, որ այս խճերի ագրեգատները կազմվել են միևնույն ձևով, այդ կատարվել է այն ժամանակաշրջանում, երբ մեծ կրաքարային ֆորմացիան նստած է եղել շրջապատի ծովերի տակ։ Մենք պետք է ենթադրենք, որ կարծր կվարցի ատամնավոր և կորացած ձևերը ցույց են տալիս բաց օվկիանոսի ալիքների ազդեցությունները։

Ընդհանուր առմամբ ես հիասթափված էի իմ այս ձեռնարկությունից։ Մինչև անգամ տեսարանը չուներ առանձին նշանակություն։ Մի հարթավայր՝ նման ծովի, առանց նրա գեղեցիկ գույնի և որոշակի եզրերի։ Այնուամենայնիվ տեսարանը նորություն էր, և մի փոքրիկ վտանգ այդ վայրին տվել էր առանձին վայելչություն, ինչպես աղը մսին տալիս է առանձին համ։ Այդ վտանգն անկասկած փոքր էր. այդ իմ երկու ընկերների խարույկ պատրաստելն էր,— մի բան, որ երբեք չի կարելի անել, եթե կասկած կա, թե հնդիկները մոտիկ են։ Արևը մայր էր մտնում, երբ ես հասա մեր բացօթյա օթևանը. խմելով բավականին շատ մաթե և ծխելով մի քանի գլանակ՝ շուտով պատրաստեցի անկողինս՝ գիշերելու համար։ Քամին շատ ուժեղ էր և ցուրտ, բայց ես երբեք ավելի հանգեստ չեմ քնել, քան այդ գիշեր։

Սեպտեմբերի 10.— Առավոտյան կատարելապես խույս տալով քամուց՝ կեսօրին հասանք Սաուսե պոստը։ Ճանապարհին տեսանք բազմաթիվ եղջերուներ, իսկ լեռան մոտ՝ մի գուանակո։ Այս դաշտը, որը վերջանում է Սիերայի տակ, կտրում անցնում են մի քանի հետաքրքրական հեղեղատներ, որոնցից մեկն ուներ մոտ քսան ոտնաչափ լայնություն և առնվազն երեսուն ոտնաչափ խորություն։ Այդ պատճառով էլ մենք ճանապարհ կամ անցք գտնելու համար ստիպված էինք երկար պտույտներ կատարել։ Այդ գիշերն անցկացրինք պոստում. մեր խոսակցության նյութը, ինչպես առհասարակ, հնդիկներն էին։ Առաջ Սիերա Վենտանան մի մեծ հավաքավայր էր եղել, և երեք-չորս տարի առաջ այնտեղ երկար կռիվներ էին տեղի ունեցել։ Իմ առաջնորդն ականատես էր եղել հնդիկների կոտորածներին։ Կանայք փախել ապաստանել էին սարի գագաթը և ամենահուսահատական ձևով շարունակել իրենց, կռիվը քարերով. նրանցից շատերն այսպիսով փրկել էին իրենց կյանքը։

Սեպտեմբերի 11.— Մենք առաջացանք դեպի երրորդ պոստը. մեզ ընկերակցում էր այդ պոստի հրամանատար լեյտենանտը։ Այդ հեռավորությունը հաշվում են տասնհինգ փարսախ, բայց այդ ենթադրությամբ են ասում և ընդհանրապես ավելի են ասում, քան իրականում կա։ Ճանապարհն անհետաքրքրական էր. նա անցնում էր չոր հարթավայրով, ծածկված խոտով. մեր ձախ կողմում, որոշ հեռավորության վրա կային ցածր բլուրներ, որոնց շարունակությունը, որ մենք անցանք, գտնվում էր պոստին մոտիկ։ Նախքան տեղ հասնելը մենք հանդիպեցինք խոշոր եղջերավոր անասունների և ձիերի մի մեծ հոտի, որին հսկում էին տասնհինգ զինվոր, մեզ ասացին, որ բազմաթիվ կենդանիներ են կորել։ Հարթավայրից անասուններ անցկացնելը չափազանց դժվար գործ է, որովհետև եթե գիշերը մի պումա կամ մինչև անգամ աղվես մոտենում է նրանց, ոչ մի բան, չի կարող կանգնեցնել նրանց ցրվելը. նրանք ցրվում են բոլոր ուղղություններով։ Նույն հետևանքներն են առաջացնում նաև ուժեղ քամիները։ Վերջին ժամանակները մի սպա դուրս է գալիս Բուենոս Այրեսից՝ իր հետ տանելով հինգ հարյուր ձի. բանակին հասնելիս ձիերի թիվը քսանից ցած է լինում։

Քիչ հետո մենք առաջացող փոշու ամպերից գուշակեցինք, որ դեպի մեզ է գալիս ձիավորների մի խումբ. դեռ նրանք բավականին հեռու էին մեզնից, բայց իմ ընկերն արդեն գիտեր, որ նրանք հնդիկներ են, որովհետև հնդիկները պահում են երկար մազեր, որոնք տարածվում են նրանց հետևը։ Հնդիկները սովորաբար իրենց գլխի շուրջը ժապավեն են ունենում, բայց երբեք գլխարկ չեն դնում և նրանց սև մազերը, որոնք տարածվում են թխագույն դեմքերին, անսովոր աստիճանի բարձրացնում են նրանց արտաքին տեսքի վայրագությունը։ Պարզվեց, որ նրանք պատկանում են Բերնանցիոյի բարեկամական ցեղին և գնում են մի սալինա՝ աղի համար։ Հնդիկները աղ շատ են ուտում, նրանց երեխաներն աղը ծծում են ինչպես շաքար։ Նրանց այս սովորությունը շատ տարբերվում է սպանացի գաուչոյի սովորությունից, որը թեև միևնույն տեսակի կյանք է վարում, բայց աղ շատ քիչ է գործածում։

Ըստ Մունգո Պարկի[68] այն ժողովուրդներն են ունենում աղ գործածելու անհաղթելի ցանկություն, որոնք բուսական սննդանյութերով են ապրում։ Հնդիկները մեզ գլխով ուրախ բարևներ էին տալիս և արագ քշում անցնում։ Նրանք իրենց առաջից քշում էին ձիերի մի երամակ, հետևից տանելով մի խումբ վտիտ շներ։

Սեպտեմբերի 12 և 13.— Այս պոստում ես մնացի երկու օր՝ սպասելով զինվորների մի խմբի, որոնք շուտով ուղևորվելու էին դեպի Բուենոս Այրես, ինչպես այդ մասին ինձ հաղորդել էր գեներալ Ռոսասը՝ խորհուրդ տալով օգտվելու առիթից և ճանապարհորդելու նրանց հետ։ Առավոտյան ձիերով բարձրացանք մոտակա մի բլուր՝ շրջակայքը դիտելու և նրա երկրաբանությունն ուսումնասիրելու համար։ Ճաշից հետո զինվորները բաժանվեցին երկու խմբի՝ բոլայի վարժություններ կատարելու համար։ Գետնին երեսունհինգ կանգուն իրարից հեռու տնկեցին երկու նիզակ, բայց նրանց խփում և փաթաթում էին յուրաքանչյուր չորս-հինգ փորձից հետո։ Գնդակները կարելի է նետել հիսունից մինչև վաթսուն կանգուն, բայց քչերն էին հասցնում ճիշտ նպատակին։ Սակայն այս չի վերաբերում ձի հեծած մարդուն, որովհետև երբ ձիու արագությունը գումարվում է թևի ուժին, այդ դեպքում հնարավոր է պտտեցնելով նետել մինչև ութսուն կանգուն, միաժամանակ հասցնելով այն նպատակին։ Նրանց հարվածի ուժի մասին գաղափար տալու համար ես կարող եմ հիշատակել մի դեպք, որը կատարվել է Ֆալկլանդական կղզիներում, որտեղ սպանացիներն սպանում են իրենց հայրենակիցներից մի քանիսին և բոլոր անգլիացիներին։ Մի երիտասարդ սպանացի փախչում է, և Լուցիանո անունով մի բարձրահասակ մարդ ձին լրիվ քառասմբակով վազեցնելով ընկնում է նրա հետևից, բղավելով, որ նա կանգնի, միաժամանակ խոստանալով ոչինչ չանել, այլ մի երկու խոսք ասել միայն։ Երբ սպանացին շարունակելով վազելը՝ քիչ է մնում, որ հասնի նավին, Լուցիանոն նետում է գնդակները։ Գնդակներն այնպիսի ցնցումով են դիպչում նրա սրունքներին, որ գետին են գլորում մարդուն և որոշ ժամանակ պահում ուշաթափ վիճակում։ Լուցիանոն նրա հետ խոսելուց հետո թույլ է տալիս նրան փախչելու։ Այդ սպանացին մեզ պատմում էր, որ իր սրունքների վրա, որտեղ փոկը փաթաթվել էր, այնպիսի խորը հետքեր էին մնացել, որ կարծեք թե մտրակով էին հարվածել։ Կեսօրին այնտեղ ժամանեցին երկու մարդ, որոնք հարևան պոստից բերել էին մի ծրար՝ գեներալին ուղարկելու համար, այնպես որ մեր խումբն այդ երեկո, բացի այս երկուսից, բաղկացած էր իմ ուղեկցից, ինձնից, լեյտենանտից և չորս զինվորից։ Վերջինները շատ տարօրինակ մարդիկ էին. առաջինը մի գեղեցիկ երիտասարդ նեգր էր, երկրորդը՝ կես հնդիկ և կես նեգր, իսկ մյուս երկուսն աննկարագրելի մարդիկ էին — մեկը չիլիացի ծեր հանքափոր էր՝ մահոգանու[69] գույնի, իսկ մյուսը՝ մասամբ խառնածին։ Ես երբեք չէի տեսել նման երկու խառնածիններ՝ այդպիսի գարշելի արտահայտություններով։ Գիշերը, երբ նրանք նստում էին կրակի շուրջը և թուղթ խաղում, ես քաշվում էի մի կողմ՝ դիտելու այդպիսի սալվադոր-ռոզայական[70] տեսարանի։ Նրանք նստած էին ցածր ժայռի տակ, այնպես որ ես կարող էի նայել ներքև նրանց վրա, խմբի շուրջը փռվել էին շներ, զենքեր, եղջերուի և ջայլամների մնացորդներ, իսկ նրանց երկար նիզակները խրված էին գետնին։ Իրենցից քիչ հեռու մթության մեջ կապված էին նրանց ձիերը՝ բոլորովին պատրաստ որևէ հանկարծակի վտանգի համար։ Եթե ամայի հարթավայրի անդորրությունը խանգարվեր շներից մեկի հաչոցով, զինվորներից մեկը հեռանալով կրակից՝ գլուխը կդներ գետնին և այդպիսով դանդաղ և զգույշ կզններ հորիզոնը։ Մինչև անգամ եթե աղմկարար տերու-տերոն արձակում էր իր ճիչերը, անմիջապես դադարում էր խոսակցությունը, և յուրաքանչյուր գլուխ մի պահ խոնարհվում էր ներքև։

Ի՜նչպիսի ողորմելի կյանք են անցկացնում այս մարդիկ։ Նրանք գտնվում էին Սաուսե պոստից առնվազն տասը փարսախ հեռավորության վրա, իսկ քսան փարսախ հեռու մի ուրիշ պոստից, որտեղ կատարվել էին սպանությունները հնդիկների կողմից։ Ենթադրվում է, որ այն պոստի վրա հնդիկներն իրենց հարձակումը կատարած պետք է լինեն կես գիշերին, որովհետև առավոտյան շատ վաղ, սպանությունից հետո, նրանց նկատել էին այս պոստին մոտենալիս։ Սակայն այստեղ պոստի ամբողջ խումբը փախել էր՝ իրենց հետ տանելով ձիերը. յուրաքանչյուրը գնացել էր մի ուղղությամբ՝ իր հետ քշելով այնքան կենդանիներ, որքան կարող էր։ Այն փոքրիկ տնակը, որ նրանք պատրաստել էին ուղտափուշի ցողուններից և որտեղ նրանք քնում էին, չէր պաշտպանում նրանց քամուց և ոչ էլ անձրևից։ Տանիքն այն նշանակությունն ուներ, որ անձրևի մանր կաթիլները հավաքվելով՝ վերածվում էին խոշոր կաթիլների։ Նրանց միակ սնունդը կազմում էին որսած կենդանիները, որ լինում էին ջայլամ, եղջերու, զրահակիր և այլն, իսկ միակ վառելիքը մի փոքր բույսի չոր ցողուններն էին. այդ բույսը որոշ կողմերով նման է ալոեին։ Միակ զեխությունը, որ վայելում էին այս մարդիկ, թղթե փոքրիկ գլանակներ ծխելն էր և մաթե խմելը։ Հաճախ ուշադրությունս գրավում էին այս տխուր և ամայի հարթավայրերում մարդուն մշտական ընկերակցող գիշակեր անգղները, որոնք համբերությամբ նստած մոտակա մի փոքրիկ գահավանդի վրա, կարծեք թե ուզում էին ասել. «Լավ, երբ հնդիկները գան, մենք մի լավ խնջույք կունենանք»։

Առավոտյան մենք բոլորս դուրս եկանք որսի և թեև շատ հաջողություն չունեցանք, բայց ունեցանք բավականին աշխուժացնող հետապնդումներ։ Դուրս գալուց քիչ անց՝ խումբը բաժանվեց, և այնպես դասավորեցին իրենց որսի ծրագիրը, որ օրվա որոշ ժամին (որի որոշումը ենթադրությամբ նրանք կատարում են բավականին ճշգրիտ) բոլորը շրջանի տարբեր կետերից պետք է հավաքվեին և հանդիպեին իրար հարթավայրի մի կետում և այսպիսով մի տեղ քշեին վայրի կենդանիներին։ Մի օր Բահիա Բլանկայում ես դուրս եկա որսի, բայց մարդիկ այնտեղ գնում էին մահիկի ձևի՝ յուրաքանչյուրը մյուսից քառորդ մղոն հեռու։ Մի գեղեցիկ արու ջայլամ, որին ետ էր դարձրել ամենածայրի ձիավորը, փորձեց փախչել մի կողմ։ Գաուչոներն սկսեցին հալածել ջայլամին ամենահախուռն արշավով՝ դարձնելով ձիերն աջ ու ձախ՝ ամենասքանչելի վարպետությամբ, յուրաքանչյուրն իր գլխի վերև պտտեցներով իր գնդակները։ Վերջապես ամենաառաջինը նետեց իր գնդակները, պտտեցնելով նրանց օդի մեջ. մի վայրկյանում ջայլամն սկսեց գլորվել. նրա ոտքերը փոկով լավ կապվել էին իրար։

Այս դաշտերում կա մեծ քանակությամբ երեք տեսակ կաքավ[71], որոնցից երկուսն ունեն էգ ֆազանի մեծություն։ Նրանց գլխավոր թշնամին և ոչնչացնողը, որը մի փոքրիկ գեղեցիկ աղվես է, նույնպես անսովոր չափով առատ է. մի օրվա ընթացքում մենք հանդիպում էինք սրանցից քառասունին կամ հիսունին։ Թեև նրանք սովորաբար լինում էին իրենց բներին մոտիկ, բայց մեր շները բռնեցին մեկին։ Երբ վերադարձանք պոստ, մեր խմբից երկուսն արդեն վերադարձել էին։ Վերջիններս առանձին էին գնացել որսի և սպանել էին մի պումա և գտել ջայլամի մի բուն, որի մեջ քսանյոթ ձու էր եղել։ Ասում էին, որ այս ձվերից յուրաքանչյուրն իր կշռով հավասար է հավի տասնումեկ ձվի, այնպես որ այս մեկ բնից մենք ձեռք բերինք այնքան սննդանյութ, որքան հավի երկու հարյուր իննսունյոթ ձուն կարող էր տալ։

Սեպտեմբերի 14.— Որովհետև հաջորդ պոստին պատկանող զինվորները վերադառնալու էին, և մենք բոլորս կկազմեինք հինգ հոգուց բաղկացած մի խումբ՝ բոլորս էլ զինված, ուստի ես որոշեցի չսպասել եկող զինվորների խմբին։ Իմ հյուրընկալը, լեյտենանտը, շատ ստիպեց ինձ մնալու։ Որովհետև նա ինձ շատ էր երախտապարտ արել ոչ միայն սնունդ հայթայթելով, այլ և ինձ իր անձնական ձիերը տալով, ուստի ես մտածեցի որոշ բանով վարձատրել նրան։ Իմ այս որոշումը հայտնեցի իմ ուղեկցին և հարցրի, թե արդյոք հարմա՞ր էր այդ անել. նա ինձ որոշակի ասաց՝ ո՛չ, ավելացնելով, թե միակ պատասխանը, որ ես կարող էի ստանալ, հավանաբար կլիներ. «Մեր երկրում մենք միս ունենք մինչև անգամ շների համար, ուստի և այդ շատ բան մի կարծիր քրիստոնյայի համար»։ Չպետք է ենթադրել, որ լեյտենանտի աստիճանն այսպիսի մի բանակում որևէ կերպ կարող է կասեցնել վճարումն ընդունելը, այլ այդ պիտի վերագրել հյուրասիրության բարձր ոգուն, որն այս շրջաններում ամենուրեք գրեթե ընդհանուր է, և որի մասին վկայում են բոլոր ճանապարհորդները։ Մի քանի փարսախ ձիերը քառատրոփ քշելուց հետո եկանք մի ցածրադիր ճահճուտ տեղ, որը տարածվում է դեպի հյուսիս մոտ ութսուն մղոն և հասնում է մինչև Սիերա Տապալգուեն։ Որոշ մասերում գետինը ներկայացնում էր գեղեցիկ խոնավ հարթավայրեր՝ ծածկված կանաչով, մինչ մյուս տեղերն ունեին փափուկ, սև ու տորֆային հող։ Բացի այդ, այդտեղ կային նաև բազմաթիվ լայն, բայց ծանծաղ լճեր և եղեգնի րնդարձակ տարածություններ։ Ընդհանուր առմամբ այդ շրջանը նման էր Կեմբրիջշիրի ճահճուտների լավ մասերին։ Գիշերը մենք բավականին թափառեցինք ճահիճների մեջ գիշերելու մի չոր տեղ գտնելու համար։

Սեպտեմբերի 15.— Առավոտյան վեր կացանք շատ վաղ և կարճ ժամանակից հետո անցանք այն պոստը, որտեղ հնդիկներն սպանել էին հինգ զինվոր։ Նրանց սպան իր մարմնի վրա ստացել էր չուսոյի տասնութը վերք։ Կեսօրին, ձիերն ուժեղ քառատրոփ վազեցնելուց հետո, հասանք հինգերորդ պոստը։ Որովհետև այնքան էլ հեշտ չէր այստեղ ձիեր ճարել, ուստի ստիպված էինք գիշերն անցկացնել այնտեղ։ Որովհետև այս կետն ամբողջ գծի վրա գտնվող պոստերից ամենից դուրս ընկածն էր, այդ պատճառով էլ այստեղ պահում էին քսանմեկ զինվոր։ Արևը մայր մտնելիս զինվորները վերադարձան որսից՝ իրենց հետ բերելով յոթ եղջերու, երեք ջայլամ և բազմաթիվ զրանակիրներ ու կաքավներ։ Այդ դաշտերով անցնելիս շատ տարածված սովորություն է դաշտերը հրդեհելը, այս պատճառով էլ գիշերը, ինչպես այդ նկատվում էր այս անգամ, հորիզոնը լուսավորվում էր պայծառ բոցերից։ Այս կատարվում է մասամբ թափառական հնդիկներին շփոթեցնելու համար, բայց գլխավոր նպատակն արոտատեղիները պարարտացնելն է։ Այն կանաչ դաշտերում, որտեղ չկան որոճացող խոշոր չորքոտանիներ, թվում է թե անհրաժեշտ է ավելորդ բուսականությունը վառելով հեռացնել, որպեսզի հաջորդ տարվա կանաչի աճումը հաջող և օգտակար լինի։

Այստեղի ռանչոն չուներ մինչև անգամ ծածկ, նա ներկայացնում էր ուղտափշի ցողուններից պատրաստած մի հյուսվածք, որի նպատակը քամու ուժը կոտրելն էր։ Նա տեղավորված էր մի լայնատարած, բայց ծանծաղ լճի ափին, որի մեջ լողում էին բազմաթիվ վայրի մեծ թռչուններ, որոնցից աչքի էին ընկնում սև վզով կարապները։ Ճեղագռավի այն տեսակը (Himantopus nigricollis), որը կարծեք թե բարձրացել է ոտնացուպերի վրա, այստեղ շատ է տարածված և պատահում է զգալիորեն մեծ երամներով։ Շատ սխալ է, որ այս թռչունը համարում են անշնորհք թռչուն. երբ նա այս ու այն կողմ շրջում է ծանծաղ ջրերում, որը նրա սիրած հաճախատեղին է, նրա քայլվածքը շատ հեռու է անվայելուչ համարվելուց։ Այս թռչունները երամով այնպիսի ձայն են հանում, որ եզակիորեն նմանվում է որսի հետևից ամբողջ ուժով վազող շների ոհմակի ձայնին։ Մի քանի անգամ արթնանալով գիշերը՝ մի պահ ցնցվել եմ հեռվից լսվող ձայնից։ Տերու-տերոն (Vanellus cayanus) մի այլ թռչուն է, որը հաճախ խանգարում է գիշերվա անդորրությունը։ Իր տեսքով և սովորություններով նա շատ բանով նման է մեր հոպոպներին, սակայն նրա թևերը զինված են սուր խթաններով՝ հասարակ աքաղաղի սրունքների վրա եղածի նման։ Տերու-տերոն ևս մեր հոպոպի նման իր անունն ստացել է իր ձայնից։ Այս կանաչ դաշտերում անցնելիս այս թռչուններն անընդհատ գալիս են մարդու հետևից, կարծեք թե ատում են մարդկանց և կարծում եմ, որ իրենք էլ արժանի են մարդկանց ատելության իրենց անվերջ, անփոփոխ և անհաճո ճիչերով։ Ամենից շատ նրանք ձանձրացուցիչ են և ատելի որսորդի համար, որովհետև նրանք իրենց ճիչերով հայտնում են մյուս թռչուններին և կենդանիներին նրա ներկայությունը։ Այդ դաշտերից ճանապարհորդողների համար հավանորեն, ինչպես Մոլինան է ասում, սրանք լավ գործ են կատարում, որովհետև իրենց ճիչով զգուշացնում են ճանապարհորդին կես գիշերի ավազակներից։ Բազմացման սեզոնին նրանք մեր հոպոպների նման վիրավորված ձևանալով՝ փորձում են բներից հեռու տանել շներին այլ թռչուններին։ Այս թռչունի ձվերը համարվում են շատ համեղ։

Սեպտեմբերի 16.— Եկանք մինչև յոթերորդ պոստը, որը գտնվում է Սիերա Սապալդուենի ստորոտին։ Ամբողջ շրջանը գրեթե բոլորովին հարթ էր։ Գետինը ծածկված էր կոշտ խոտերով և կազմված էր տորֆանման փափուկ հողից։ Այստեղ խրճիթն զգալիորեն կոկիկ էր, սյուներն ու գերանները կազմված էին մոտ տասներկու չոր ուղտափշի ցողունները մորթե փոկերով իրար կապելով, և հոնիականի նմանող այս սյուները ծառայեցնելով որպես հենարաններ՝ սենյակի կողքերը և ծածկը շինել էին եղեգից։ Այստեղ մեզ պատմեցին մի հետաքրքրական դեպք, որը ես անհավանական կհամարեի, եթե ինքս մասամբ ականատես չլինեի այդ դեպքին։ Նախորդ գիշերը կարկուտ էր տեղացել փոքր խնձորի մեծության և վերին աստիճանի պինդ, և այնպիսի ուժգնությամբ էր տեղացել, որ սպանել էր վայրի կենդանիների մեծ մասը։ Մի մարդ գտել էր տասներեք եղջերու (Cervus campestris) սատկած վիճակում, և ես տեսա նրանց թարմ մորթերը, իսկ խմբի մի այլ անդամ իմ ժամանելուց մի քանի րոպե հետո բերեց յոթը եղջերու ևս։ Ինձ լավ հայտնի է, որ մի մարդ առանց շների հազիվ թե կարողանար սպանել յոթ եղջերու, մինչև անգամ մի շաբաթում։ Նրանք ասում էին, որ տեսել են մոտ տասնհինգ սատկած ջայլամ (որոնցից մեկի մի մասը ծառայում էր մեզ որպես ճաշ). նրանք ասում էին նաև, որ մի քանի ջայլամ էլ տեսել են դես ու դեն վազելիս, հավանորեն աչքերից մեկը կուրացած։ Սպանված էին նաև մեծ թվով մանր թռչուններ, ինչպես բադերը, բազեները և կաքավներն են։ Ես տեսա այս վերջիններից մեկին, որի կռնակին մի սև նշան կար, կարծեք թե նրան խփել էին մեծ խճաքարով։ Ուղտափշի ցողուններից պատրաստած ցանկապատը, որը շրջապատում էր խրճիթը, գրեթե կոտրվել էր, և ինձ պատմողն ասում էր, որ ինքը գլուխը դուրս է հանում իմանալու, թե ինչ է պատահել, մի ուժեղ վերք է ստանում կարկտից, և այժմ կապել էր իր գլուխը։ Այդ փոթորկի տարածումը շատ սահմանափակ է եղել. իսկապես մենք մեր վերջին գիշերվա բացօթյա բանակատեղիից այս ուղղությամբ խիտ ամպեր և կայծակ նկատեցինք։ Շատ զարմանալի է, թե ի՛նչպես եղջերուի նման ուժեղ կենդանիները կարող են այսպես սպանվել կարկտից. բայց նկատի ունենալով այն ապացույցները, որ ես բերի այստեղ վերևում, կարող եմ ասել, որ անկասկած և ոչ մի չափազանցություն չկա այս ամբողջ պատմության մեջ։ Ես ուրախ եմ, որ այս բանի ճշտությունը կարող եմ ապացուցել նաև ճիզվիտ Դոբրիցհոֆերի[72] մի վկայությամբ, որը խոսելով շատ ավելի հյուսիսում գտնվող մի երկրի մասին՝ ասում է, որ այնտեղ տեղացել է ահռելի մեծության կարկուտ և կոտորել է մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ. հնդիկներն այդ վայրն այնուհետև անվանել են Lalegraicavalca, որ նշանակում է «փոքրիկ սպիտակ բան»։ Դոկտոր Մալկոլմսոնը նույնպես պատմում է, որ 1831 թվին ինքն ականատես է եղել Հնդկաստանում տեղացող մի կարկտաբեր փոթորկի, որը ոչնչացրել է բազմաթիվ խոշոր թռչուններ և մեծ վնասներ է պատճառել խոշոր եղջերավոր անասուններին։ Այս կարկտաքարերն ունեցել են տափակ ձև. մեկն ունեցել է տասը մատնաչափ շրջապատ, իսկ մի ուրիշը կշռել է երկու ունցիա։ Նրանք մուշկետի գնդակների նման ակոսել են գետինը, կազմելով խճե ճանապարհներ։ Խփելով պատուհանների ապակիներին՝ առաջացրել են կլոր ծակեր, առանց ճաքճքումների։

Վերջացնելով կարկտատար կենդանիների մսից պատրաստած մեր ճաշը՝ մենք անցանք Սիերա Տապալգուենը. այս բլուրների մի ցածր շարք է, որոնց բարձրությունը մի քանի հարյուր ոտնաչափից չի անցնում. այդ բլուրներն սկսվում են Կորիենտեսի հրվանդանից։ Այս մասում ապառը կազմված է մաքուր կվարցից, կարծում եմ, որ քիչ դեպի արևելք նա գրանիտային է։ Բլուրներն ունեն բավականին նշանակալի ձև՝ նրանք կազմված են դարավանդների տափակ մասերից՝ շրջապատված ցածրադիր ուղղաձիգ ժայռերով, որոնք նման են սեդիմենտային նստվածքի դուրս ընկած մասերի։ Այն բլուրը, որ ես բարձրացա, շատ փոքր էր, հազիվ թե նա ունենար երկու հարյուր կանգունից ավելի տրամագիծ, բայց կային և մեծերը։ Սրանցից մեկը, որին „Corral” անունն են տվել, երկուսից երեք մղոն տրամագիծ ունի և շրջապատված է ուղղաձիգ ժայռերով, որոնք բացառությամբ մի կետի, որը կազմում է մուտքը, երեսուն կամ քառասուն ոտնաչափ բարձրություն անեն։ Ֆալկոները[73] շատ հետաքրքրական կերպով պատմում է, թե ինչպես հնդիկներն այնտեղ են քշելիս եղել վայրի ձիերի խմբեր և նրանց այնտեղ պահելու համար հսկել են միայն մուտքի վրա։ Ես երբեք չեմ լսել դարատափի մի այլ դեպքի մասին, որ ունենա կվարցի կազմություն և, բացի այդ, իմ քննած բլուրը ոչ հերձում ուներ, ոչ շերտավորում։ Ինձ ասում էին, որ «կորալ»-ը կազմված է սպիտակ գույնի քարերից, որոնք կայծ են առաջացնում։

Մենք չկարողացանք Ռիո Տապալգուենի վրա գտնվող պոստը ցերեկով հասնել. երբ եկանք այնտեղ, արդեն մութն էր։ Ընթրիքին մի բան ասացին, որն ինձ հանկարծակի սարսափահար արեց, մտածելով, որ ես ուտում էի այդ երկրի սիրած կերակուրից, այն է՝ չզարգացած հորթի միս, որը մոր արգանդից դուրս էր բերվել ժամանակից շատ առաջ։ Հետագայում պարզվեց, որ այդ պումայի միս է։ Այդ միսը չափազանց սպիտակ է և համով շատ նման է հորթի մսին։ Դոկտոր Շոուի վրա ծիծաղում էին, երբ ասում էր, որ «առյուծի միսը մեծ արժեք ունի, որովհետև նա իր գույնով, համով և բույրով շատ մոտիկ է հորթի մսին»։ Նույնը կարելի է ասել նաև պումայի մասին։ Գաուչոները յագուարի[74] մսի համի մասին տարբեր կարծիք ունեն, բայց բոլորն էլ ընդունում են, որ կատուն գերազանցապես լավ է։

Սեպտեմբերի 17.— Ռիո Տապալգուենի ընթացքով, մի շատ արգավանդ դաշտի միջով գնում էինք դեպի իններորդ պոստը։ Ինքը՝ Տապալգուենը, կամ Տապալգուեն քաղաքը, եթե միայն կարելի է քաղաք անվանել, գտնվում է կատարյալ հարթ տարածության վրա, որը զարդարված է, որքան աչքը կարող է տեսնել, հնդիկների տոլդոներով կամ հնոցանման հյուղակներով։ Ռոսասի հետ մյուս հնդիկների դեմ կռվող բարեկամ հնդիկների ընտանիքներն ապրում էին այստեղ։ Մենք հանդիպեցինք բազմաթիվ երիտասարդ հնդիկ կանանց, որոնք երկուսով-երեքով միասին հեծել էին միևնույն ձին։ Նրանք, ինչպես և շատ երիտասարդ հնդիկներ, չափազանց գեղեցիկ էին. նրանց դեմքի գեղեցիկ կարմրավուն գույնն արտահայտում էր նրանց կատարյալ առողջ լինելը։ Բացի տոլդոներից կար նաև երեք ռանչո (տուն)։ Մեկում ապրում էր կոմենդանտը, իսկ մյուս երկուսում՝ սպանացիներ, որոնք ունեին փոքրիկ խանութներ։ Այստեղ մենք կարող էինք քիչ սուխարի (պաքսիմատ) գնել։ Մի քանի օր էր, որ ես, բացի մսից, ոչ մի բան չէի կերել։ Ես այնքան էլ չէի ատում սննդառության այս նոր կանոնները, բայց ինձ թվում էր, թև ես այս նոր սննդին ընտելանում էի շնորհիվ լարված և ծանր ֆիզիկական աշխատանքի։ Ես լսել եմ, որ Անգլիայում այն հիվանդները, որոնք բացառաբար մսային դիետա են պահում, հազիվ են այդ դրության հետ հաշտվում, նույնիսկ այն դեպքում, երբ դրանից է կախված նրանց կյանքը։ Մինչդեռ պամպասներում ապրող գաուչոներն ամիսներով ոչ մի բանի ձեռք չեն տալիս, բացի մսից։ Բայց ես նկատել եմ, որ նրանք ուտում են մեծ քանակությամբ ճարպ, որն ավելի քիչ կենդանական բնույթ ունի. նրանք մասնավորապես ատում են չոր միսը, օրինակ՝ ագուտիի միսը։ Դոկտոր Ռիչարդսընը[75] նույնպես նկատել է, որ երբ մարդիկ «երկար ժամանակ սնվում են անճարպ մսով, նրանց ճարպ ուտելու ցանկությունն այնպես է անհագ դառնում, որ նրանք կարող են սպառել մեծ քանակությամբ անխառն և մինչև անգամ յուղային ճարպ՝ առանց սրտախառնուքի»։ Այս ինձ համար շատ հետաքրքրական ֆիզիոլոգիական փաստ է։ Գուցե շարունակ միս ուտելուց է, որ գաուչոները, այլ մսակեր կենդանիների նման, երկար ժամանակ կարող են դիմանալ առանց մի բան ուտելու։ Ինձ մեկը պատմում էր, որ Տանդիլեում մի խումբ զինվորներ երեք օր անընդհատ հետապնդում են մի խումբ հնդիկների, առանց որևէ բան ուտելու կամ խմելու։

Խանութներում մենք շատ ապրանքներ գտանք, օրինակ՝ ձիու ծածկոցներ, գոտիներ և գուլպայի կապեր. սրանք պատրաստել էին հնդիկ կանայք։ Նրանք ունեին շատ գեղեցիկ նախշեր և շողշողուն գույն։ Գուլպաների կապերն այնքան լավ էին գործված, որ Բուենոս Այրեսում գտնվող մի անգլիացի առևտրական պնդում էր, որ դրանք Անգլիայում պատրաստված կլինեն։

Սեպտեմբերի 18.— Այդ օրը մենք երկար ժամանակ ձիերի վրա էինք։ Տասներկուերորդ պոստում, որը Ռիո Սալադոյից յոթը փարսախ հարավ է գտնվում, մենք հանդիպեցինք առաջին եստանսիային, որտեղ կային խոշոր եղջերավոր անասուններ և սպիտակ կանայք։ Այնուհետև մենք ստիպվեցինք մի քանի մղոն անցնելու, մի դաշտով, որը հեղեղվել էր ջրով. ձիերը թաղվում էին մինչև ծնկները։ Հավաքելով ասպանդակները և հեծնելով արաբի նման, մեր ոտները ծռած, մենք կարողացանք անցնել բավականին չոր վիճակում։ Գրեթե մութն էր, երբ հասանք Սալադո. առվակը բավականին խոր էր և ուներ մոտ քառասուն կանգուն լայնություն. չնայած դրան, ամառն այդ գետակի հունը գրեթե բոլորովին չորանում է, և մնացած ջուրն էլ այնպես է աղիանում, ինչպես ծովի ջուրը։ Մենք քնեցինք գեներալ Ռոսասի մեծ ֆերմաներից մեկում։ Նա լավ ամրացված էր և այն էլ այնպես, որ երբ մութ ժամանակ մենք ներս մտանք ֆերմա, ինձ այնպես թվաց, թե այդ մի քաղաք էր կամ ամրոց։ Առավոտյան մենք տեսանք անսահման քանակությամբ անասունների հոտեր. այստեղ գեներալն ուներ յոթանասունչորս քառակուսի փարսախ կալվածք։ Առաջ այս կալվածքում աշխատում էին երեք հարյուր մարդ և նրանք կարողանում էին դիմադրել հնդիկների բոլոր հարձակումներին։

Սեպտեմբերի 19.— Անցանք Գվարդիա դել Մոնտեն։ Այս մի գեղեցիկ, ցրված, փոքրիկ քաղաք է, բազմաթիվ պարտեզներով, որտեղ աճում են դեղձի և սերկևիլի ծառեր։ Այստեղ դաշտը նման էր Բուենոս Այրեսի շրջապատի դաշտերին։ Արոտն ուներ բաց-կանաչ գույն և բարձր չէր. այնտեղ կային երեքնուկի և ուղտափշի գոտիներ։ Վիսկաշաներն ամեն տեղ ծակեր էին բացել։ Ինձ վրա մեծ տպավորություն էր թողել Սալադոն անցնելուց հետո գետնի ընդհանուր տեսքի այս ընդհանուր փոփոխությունը։ Կոշտ խոտերի դաշտից մտանք ընտիր կանաչ խոտով ծածկված մի մարգագետին։ Սկզբում այս տարբերությունը ես վերագրում էի հողի բնույթի որոշ փոփոխության, բայց տեղի բնակիչներն ինձ հավատացնում էին, որ այստեղ, ինչպես և Բանդա Օրիենտալում, որտեղ Մոնտեվիդեոյի շրջապատի տարածության և Կոլոնիայի նոսր բնակեցրած սավաննաների մեջ նույնպիսի մեծ տարբերություն կա, այդ բոլորը պետք է վերագրել խոշոր եղջերավոր անասուններ արածեցնելուն, որոնք պարարտացնում են հողը։ Ճիշտ նույն փաստերը նկատվել են նաև Հյուսիսային Ամերիկայի պրերիաներում (մարգագետին),[76] որտեղ հինգ-վեց ոտնաչափ բարձրություն ունեցող կոշտ խոտն անասուններ արածացնելուց վերածվում է սովորական արոտատեղի։ Ես այնքան էլ հմուտ բուսաբան չեմ, որպեսզի կարողանամ ասել, թե արդյոք այդ հետևանք է նոր տեսակների ներմուծմա՞ն, թե նախկինների աճեցողության փոփոխության կամ նրանց համեմատական թվի տարբերության։ Ազարան նույնպես մեծ զարմանքով նկատել է այս փոփոխությունը, նա նույնպես ապշել է հանկարծակի երևացող նոր բույսերի գոյությունից, որոնք գտնվել են նոր կառուցված հյուղակները տանող ճանապարհի վրա և որոնցից չկան շրջակա վայրերում։ Մի այլ տեղ նա ասում է. «Ces chevaux (Sauvages) ont la manie de préférer les chemins, et le bord des routes pour déposer leurs excrémens, dont on trouve des monceaux dans ces endroits»[77]. Արդյոք այս մասամբ չի՞ բացատրում այս խնդիրը։ Այսպիսով մենք ունենք լավ պարարտացրած հողի շերտեր, որոնք ծառայում են որպես հաղորդակցության ուղիներ այս ամայի շրջաններն իրար միացնելու համար։

Գվարդիայի մոտ մենք գտնում ենք եվրոպական երկու բույսերի հարավային սահմանները, որոնք այժմս տարածված են չտեսնված առատությամբ։ Բուենոս Այրեսի, Մոնտեվիդեոյի և այլ քաղաքների շրջակայքում սամիթը մեծ առատությամբ ծածկում է խրամների եզրերը։ Իսկ վայրի կարդոնը (Cynara cardunculus — կանգար)[78] անհամեմատ շատ ավելի տարածված է, քան առաջինը։ Նա լինում է այս լայնություններում ամբողջ երկրամասի վրա, Կորդիլյերների երկու կողմերումն էլ։ Ես այդ բույսը տեսել եմ Չիլիի, Էնտրե Ռիոսի և Բանդա Օրիենտալի խուլ վայրերում։ Բանդա Օրիենտալում միայն տեղ-տեղ հարյուրավոր քառակուսի մղոն տարածություններ ծածկված են այս փշոտ բույսով և անթափանցելի են և՛ մարդու, և՛ կենդանիների համար։ Ալիքավոր հարթավայրերի վրա, այնտեղ, որտեղ տարածված են այս բույսերի մեծ մարգերը, ուրիշ ոչինչ չի կարող աճել։ Սակայն նրանց ներածումից առաջ պետք է որ այդ տեղերում գետինը ծածկված լիներ, ինչպես տեսնում ենք այլ մասերում, խիտ խոտով։ Հազիվ թե երբևիցե արձանագրված լինի մի այլ դեպք, որտեղ բերված բույսերն այսպիսի մեծ մասշտաբով ճնշած լինեն տեղական բույսերին։ Ինչպես ասացի վերևում՝ Սալադոյից հարավ ոչ մի տեղ կանգարի չեմ հանդիպել, բայց հավանորեն, որքան այդ շրջանը բնակելի դառնա, այնքան կանգարը կընդարձակի իր սահմանները։ Բոլորովին այլ դրություն է տիրում պամպասների խայտաբղետ տերևներով հսկա ուղտափշի համար. ես նրան հանդիպել եմ նաև Սաուսեի հովտում։ Համաձայն մր. Լայելի հայտնի սկզբունքների՝ քիչ երկրներ են ենթարկվել այնպիսի զարմանալի փոփոխության, ինչպիսիին ենթարկվեց Լա Պլատան 1535 թվից սկսած, երբ առաջին անգամ երևացին կոլոնիստները, իրենց հետ բերելով յոթանասուներկու ձի։ Ձիերի, խոշոր եղջերավոր անասունների և ոչխարների անհաշիվ հոտերը և նախիրները ոչ միայն փոխել են բուսականության ամբողջ տեսքը, այլ գրեթե ամբողջովին դուրս են մղել գուանակոն, եղջերուն և ջայլամը։ Պետք է որ տեղի ունեցած լինեն նաև այլ բազմաթիվ փոփոխություններ, հավանորեն որոշ տեղերում վայրի խոզը փոխարինում է պեկարիին (մշկախոզ)։ Վայրի շների ոհմակների ոռնոցը կարելի է լսել համեմատաբար ամայի առվակների ափերին գտնվող անտառներից, իսկ տնային կատուն, որը փոխվել է մի մեծ և կատաղի կենդանու, բնակվում է ժայռոտ բլուրների վրա։ Գիշատիչ անգղների թվի աճումը, այդ երկիրն ընտանի կենդանիներ ներածելուց հետո, ինչպես այդ նկատել է դ’Օրբինին, պետք է չափազանց մեծ լինի, և մենք փաստերի հիման վրա նշել ենք, որ այժմ այդ գիշատիչ թռչունները տարածվել են դեպի հարավ ավելի հեռու, քան առաջ։ Անկասկած, բացի կանգարից և սամիթից, շատ բույսեր հարմարվել են տեղի բնությանը. այսպես, Պարանայի գետաբերանին մոտիկ կղզիները խիտ ծածկված են նարնջի և դեղձի ծառերով։ Նրանք այնտեղ տարածվել են գետի ջրի տարած սերմերի միջոցով։

Երթ Գվարդիայում ձիերը փոխելու համար կանգ առանք, շատ մարդիկ հավաքվեցին մեր շուրջը և հարցումներ էին անում Ռոսասի բանակի մասին։ Ես չտեսա մի բան, որն այնպիսի խանդավառություն առաջացներ, ինչպես Ռոսասի արշավանքը և նրա սպասվելիք հաջող ելքն էր, մի պատերազմ, որը «բոլոր պատերազմներից ամենաարդարացին էր, որովհետև այն ուղղված էր բարբարոսների դեմ»։ Պետք է խոստովանել որ այս արտահայտությունը շատ բնական էր, որովհետև մինչև վերջերս ոչ ձիերն էին հնդիկների հարձակումներից ազատ, ոչ կանայք և ոչ էլ տղամարդիկ։ Մի ամբողջ երկար օր ձիերով անցնում էինք միևնույն փարթամ կանաչ հարթավայրով, որտեղ արածում էին մեծ թվով զանազան նախիրներ և այս ու այն կողմ էլ երևում էին առանձնացած ֆերմաներ, որոնց մոտ լինում էր միակ օմբու ծառը։ Երեկոյան շատ ուժեղ անձրև եկավ. ժամանեցինք մի կայարան, բայց տերը մեզ ասաց, որ եթե օրինավոր անցագրեր չկան, ուրեմն պետք է շարունակել ճանապարհը, որովհետև ավազակների թիվն այնքան շատ է, որ ինքը չի կարող ոչ ոքի հավատ ընծայել։ Սակայն երբ նա կարդաց իմ անցագիրը, որն սկսվում էր „El Naturalista Don Carlos”, նրա հարգանքն ու քաղաքավարությունը նույնքան անսահման էին, ինչպես նախքան այդ նրա կասկածն էր։ Թե ինչ կարող էր լինել մի բնագետ — այդ մասին հավանորեն ոչ ինքը գաղափար ուներ, ոչ էլ իր հայրենակիցներից որևէ մեկը, բայց ամենայն հավանականությամբ դրանից իմ տիտղոսն իր արժեքից ոչինչ չկորցրեց։

Սեպտեմբերի 20.— Կեսօրին հասանք Բուենոս Այրես։ Քաղաքի շրջակայքը շատ գեղեցիկ էր երևում. ագավենու թփուտները, ձիթենու պուրակները, դեղձի ծառերը, ուռենիները, բոլորը տարածել էին իրենց թարմ կանաչ տերևները։ Ես իջա մր. Լըմբի տունը, մի անգլիացի առևտրականի, որի հյուրասիրությունը և ցույց տված աջակցություններն իմ այնտեղ մնալու ժամանակ՝ ինձ չափազանց երախտապարտ թողին։

Բուենոս Այրես քաղաքը մեծ է[79] և, կարծում եմ, որ կարող է համարվել աշխարհի ամենականոնավոր քաղաքներից մեկը։ Յուրաքանչյուր փողոց իր կտրած փողոցի նկատմամբ կազմում է ուղղանկյուն, իսկ զուգահեռ փողոցները բոլոր մասերում գտնվում են իրարից հավասար հեռավորության վրա։ Տները համախմբված են հավասար կողմերով քառանկյուն տարածություններում, որոնք կոչվում են քառակուսիներ (quadras)։ Մյուս կողմից՝ այս տները ներկայացնում են քառանկյուններ, բոլոր սենյակները բացվում են մի կոկիկ գավթի վրա։ Սովորաբար նրանք լինում են մեկ հարկանի տափակ տանիքով։ Տանիքների վրա դնում են նստարաններ, և ամառը բնակչությունը սիրում է հավաքվել տանիքներում։ Քաղաքի կենտրոնում գտնվում է հրապարակը (plaza), որտեղ գտնվում են պետական գրասենյակները, բերդը, տաճարը և այլն։ Այստեղ էին գտնվում նաև ռևոլուցիայից առաջ եղած փոխարքաների պալատները։ Տների ընդհանուր համախմբված տեսքը բարձր ճարտարապետական գեղեցկություն ունի, թեև առանձին-առանձին վերցրած ոչ մի տուն այդ գեղեցկությունը չունի։

Մեծ կորալները, որտեղ պահում են մսատու կենդանիներ՝ այս երկրի մսակեր բնակչությանը սնունդ մատակարարելու համար, հանդիսանում են այնպիսի հետաքրքրական տեսարաններ, որոնք արժանի են առանձին ուշադրության։

Չափազանց զարմանալի է ձիու ուժը՝ համեմատած եզան ուժի հետ. երբ ձի հեծած մարդն իր լասոն գցում է կենդանու կոտոշներին, կարող է նրան քաշել իր ցանկացած ուղղությամբ։ Բոլորովին իզուր են անցնում կենդանու տարածած ոտքերով գետինն ակոսելով այդ ուժը հաղթահարելու բոլոր ճիգերն ու փորձերը։ Նա ամբողջ թափով խուժում է մի կողմի վրա, բայց ձին անմիջապես հարվածից խույս տալու համար դառնում և այնպես է ամուր կանգնում, որ եզը գրեթե փռվում է գետնի վրա, և զարմանալի է, որ նրանց վիզը չի կոտրվում։

Ի միջի այլոց այդ պայքարում միայն ուժը չէ, որ դեր է խաղում։ Ձիու թամբի կապը հարմարեցված է եզան ձգված վզի համար։ Միևնույն եղանակով մեկը կարող է լասոյի միջոցով զսպել ամենավայրի ձիուն, եթե բռնել է հենց ականջների հետևից։ Երբ եզն արդեն գտնվում է այնտեղ, որտեղ պետք է մորթվի, մատադորը (մորթողը) մեծ զգուշությամբ կտրում է աքիլլեսյան երակները։ Ապա սկսում է մահվան բառաչը, մի ձայն, որն իմ գիտեցած կատաղի հոգևարքներից ամենաարտահայտիչն է։ Հաճախ մեծ հեռավորությունից ես կարողացել եմ ճանաչել այդ ձայնը և միշտ զգացել եմ, որ պայքարն արդեն մոտենում է իր վերջավորությանը։

Տեսարանն ամբողջությամբ վերին աստիճանի ցնցող է և սարսափելի։ Գետինը գրեթե կազմված է ոսկրներից, իսկ մարդիկ և ձիերն ամբողջովին թաթախված են լինում դոնդողած արյան մեջ։


ՅՈԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԱՆՏԱ ՖԵ

Ուղևորություն դեպի Սանտա Ֆե.— Ուղտափշի թփուտներ.— Վիսկաշայի սովորությունները.— Փոքրիկ բու.— Աղուտ գետակներ.— Հարթ դաշտեր.— Մաստոդոն.— Սանտա Ֆե.— Տեսաpանների փոփոխություններ.— Երկրաբանություն.— Անհետացած ձիու ատամ.— Հյnւսիuային և Հարավային Ամերիկաների Բրածո և այժմվա չորքոտանիների հարաբերությունը.— Երկարատև երաշտի ազդեցությունները.— Պարանա.— Յագուարի սովորությունները.— Մկրատակտւց.— Ալկիոն.— Թութակ և մկրատապոչ.— Ռևոլուցիա.— Բուենոս Այրես.— Կառավարության վիճակը։

Սեպտեմբերի 27.— Երեկոյան ուղևորվեցի դեպի Սանտա Ֆե, որը գտնվում է Բուենոս Այրեսից մnտ երեք հարյուր անգլիական մղոն հեռավորության վրա, Պարանա գետի ափին։ Քաղաքի մոտերքում ճանապարհներն անձրևային եղանակներից հետո վերին աստիճանի վատացել էին։ Ես երբեք հնարավոր չէի գտնի եզան սայլով այդտեղից անցնել։ Նրանք դժվարույթամբ ժամում անցնում էին մեկ մղոն,[80] այն էլ մի մարդ միշտ առաջ էր գնում ամենալավ ճանապարհները հետազոտելու, որոնցով անցնելու էր սայլը։ Եզները իր չափազանց հոգնած, մաշված էին։ Մեծ սխալ կլինի կարծել, որ լավ ճանապարհով և արագ քշելով կենդանու չարչարանքը նույն համեմատությամբ կմեծանա։ Մենք անցանք սայլերի մի շարքի, և անասունների մի նախրի մոտով, որ տանում էին Մենդոսա։ Այդ տարածությունը մոտ հինգ հարյուր ութսուն աշխարհագրական մղոն[81] է, և այդ ճանապարհորդությանն ընդհանրապես կատարվում է հիսուն օրում։ Այս սայլերը շատ երկար են ու նեղ և գործված են եղեգից։ Երանք ունենում են միայն երկու անիվ, որոնց յուրաքանչյուրի տրամագիծը որոշ դեպքերում հասնում է տասը ոտնաչափի։ Յուրաքանչյուր սայլին լծում են վեց եզ, որոնց քշում են ճիպոտով, որն առնվազն քսան ոտնաչափ երկարություն կունենա։ Այս ճիպոտը կախում են սայլի առաստաղից։ Անմիջապես անիվներին մոտ գտնվող եզների համար, բացի դրանից, ունեն և մի փոքրը, իսկ միջին զույգերի համար երկար ճիպոտի մեջտեղից ցցված է լինում սուր ծայրով մի ձողիկ, որը ճիպոտի հետ կազմում է ուղիղ անկյուն։ Ամբողջ ապարատը ներկայացնում է պատերազմական գործիք։

Սեպտեմբերի 28.— Մենք անցանք Լուքսան փոքր քաղաքը, որտեղ գետի վրայով կառուցված է փայտե կամուրջ, որն այս երկրի համար վերին աստիճանի անսովոր հարմարություն է։ Անցանք նաև Արեկոն։ Դաշտերը հարթ էին երևում, բայց փաստորեն այնքան էլ հարթ չէին, որովհետև երբեմն հորիզոնը հեռանում էր։ Այստեղ ֆերմաներն իրարից բավականին հեռու են գտնվում, որովհետև լավ արոտատեղեր չկան և դաշտերը ծածկված են իշառվույտով կամ ուղպտափշի մեծ թփերով։ Վերջինները, որոնք շատ լավ հայտնի են սըր Ֆ. Հեդի նկարագրություններից, տարվա այդ ժամանակին արդեն աճել էին երկու երրորդ մասով. որոշ տեղերում նրանց բարձրությունը հասնում էր մինչև ձիու կռնակը, այլ տեղերում դեռ նրանք չէին ծլել, և գետինն այնպես մերկ և փոշոտ էր, որ նման էր մեծ ճանապարհի։ Թփուտներն ունեին վերին աստիճանի պայծառ կանաչ գույն և նրանք ներկայացնում էին կտրված անտառի մի հաճելի մինիատյուրը։ Երբ այս ուղտափշերը լրիվ աճում են, նրանց մեծ մացառուտները, կարելի է ասել, անանցանելի են. միայն որոշ ուղղություններով անցնում են կածաններ, որոնք այնպես բազմաշփոթ են, ինչպես լաբիրինթոսը։ Այս ճանապարհներին լավ ծանոթ են միայն ավազակները, որոնք տարվա այս եղանակին բնակչություն են հաստատում նրանց մեջ ու գիշերը դուրս են գալիս և անպատիժ կողոպտում ու մորթոտում են անցորդներին։ Երբ հարցրի շրջանի բնակիչներից մեկին, թե ավազակները շա՞տ են, պատասխանեց՝ «ռւղտափշերը դեռ չեն բարձրացել»։ Այդ պատասխանի նշանակությունն սկզբում այնքան էլ պարզ չէ։ Այս կածանների վրա երկար կանգ առնելն առանձնապես հետաքրքրական չէ, որովհետև այնտեղ շատ քիչ կենդանիներ կամ թռչուններ կան. այնտեղի տարածված կենդանին վիսկաշան է և նրա բարեկամ փոքրիկ բուն։

Հայտնի է, որ վիսկաշան[82] պամպասների ֆաունայի մի բնորոշ ձևն է։ Նա տարածված է մինչև Ռիո Նեգրո, որը գտնվում է 41° լայնության վրա, բայց ոչ ավելի հարավ։ Նա չի կարող ագուտիի նման իր գոյությունը պահպանել Պատագոնիայի խճային և անապատային հարթավայրերում. նա նախընտրում է կավային և ավազային հողը, որի վրա աճում է բազմապիսի և առատ բուսականություն։ Մինդոսայի մոտ, Կորդիլյերների ստորոտին այս կենդանին կարելի է գտնել իրան մոտիկ ալպիական տեսակների հետ միասին։ Նրա աշխարհագրական տարածումը բավականին հետաքրքրական է. բարեբախտաբար Բանդա Օրիենտալի բնակիչները նրան երբեք չեն տեսել Ուրուգվայ գետից արևելք, մինչդեռ այդ շրջանում կան այնպիսի դաշտեր, որոնք սքանչելիորեն հարմարեցված են վիսկաշայի սովորություններին։ Ուրուգվայ գետը այս կենդանիների տարածման համար հանդիսանում է մի անհաղթելի պատվար, չնայած որ նրանք անցել են ավելի լայն գետ — Պարանան և վիսկաշան տարածված է Էնտրե Ռիոսում, որը գտնվում է այդ երկու մեծ գետերի միջև։ Բուենոս Այրեսի մատ այս կենդանիները չափազանց առատ են։ Նրանց ամենասիրած այցելատեղը հարթավայրի այն մասն է, որ տարվա կեսը ծածկված է լինում ուղտափշի բարձր թփերով, որոնք չեն թողնում, որ որևէ այլ բույս աճի։ Գաուչոները պնդում են, որ նա սնվում է արմատներով. նկատի ունենալով նրա ուժեղ կրծող ատամները և այն վայրերը, որտեղ հաճախ լինում է այդ կենդանին, կարելի է ասել, որ այդ շատ հավանական է։ Երեկոներին վիսկաշաները խմբերով դուրս են գալիս և հանդարտ նստում բների առջև իրենց հետևի թաթերի վրա։ Այսպիսի ժամանակներում նրանք շատ հանգիստ են լինում, և նրանց մոտից ձիով անցնող մարդը նրանց ներկայանում է որպես լուրջ քննության առարկա։ Վազքի մեջ նրանք շատ անճարակ են. երբ փախչում են որևէ վտանգից, նրանք բարձր բռնած պոչով և առջևի կարճ ոտներով կատարյալ առնետի տեսք են ստանում։ Նրանց միսը եփելիս չափազանց սպիտակում է, ունի լավ համ, բայց շատ քիչ է գործածվում որպես սնունդ։

Վիսկաշան ունի մի շատ տարօրինակ սովորություն, նա ամեն մի պինդ նյութ քաշում տանում է իր բնի բերանը, բների ամեն մի խմբի մոտ անկանոն ձևով հավաքված են լինում անասունների ոսկրներ, քարեր, փշերի հաստ ցողուններ, հողի կոշտ կտորներ, թռչունների չորացած աղբ և այլն, որոնք հաճախ այնքան շատ են լինում, որ հազիվ թե հնարավոր լինի մի ձեռնասայլով փոխադրել։ Ինձ պատմում էին մի շատ հետաքրքրական դեպքի մասին. մի մարդ ուշ գիշերով ձիով գնալիս կորցնում է իր ժամացույցը և առավոտյան վերադառնալով նույն վայրը՝ իր ժամացույցը փնտրում է ճանապարհի երկու կողմերում գտնվող վիսկաշաների բների մոտերքում, մտածելով, որ նրանք տարած կլինեն, և իսկապես գտնում է այն մի բնի մոտ։ Իր բնակարանի մոտերքն ընկած ամեն մի կոշտ առարկա իր բունը փոխադրելու նրա այս սովորությունը նրան մեծ նեղություն է պատճառում։ Թե ի՛նչ նպատակի համար է այս արվում, այդ մասին չեմ կարող անել մինչև անգամ ամենահեռավոր ենթադրություն, իհարկե, այդ պաշտպանության համար չի կարող լինել, որովհետև այդ կույտերը դրվում են որջի բերանի վերևում՝ որոշ թեքությամբ։ Անկասկած, պետք է որ որոշ պատճառներ լինեն, բայց այդ շրջանի բնակիչներն այդ մասին ոչինչ չգիտեն։ Ինձ հայտնի միակ փաստը, որն անալոգ է սրան, այդ ավստրալիական արտաքո կարգի մի թռչուն ի (Calodera maculata) սովորություններն են, որը ճյուղերից պատրաստում է մի գեղեցիկ կամարաձև. անցք, որի մեջ խաղում է և այնտեղ հավաքում է ցամաքային և ծովային խեցիներ, ոսկրներ և թռչունների փետուրներ, մասնավորապես ընտրելով պայծառ գույն ունեցողներին։ Մր. Գոուլդը պատմելով ինձ այս փաստերը՝ ասաց նաև, որ երբ տեղացիները կորցնում են որևէ պինդ բան, այս անցքերում են փնտրում և երբ մի անգամ կորչում է մի ծխամորճ, վերջինս այնտեղ են գտնում։

Փոքրիկ բուն (Athene cunicularia), որն այնքան հաճախ հիշատակվել է, Բուենոս Այրեսի հարթավայրերում բացառապես բնակվում է վիսկաշայի բներում, իսկ Բանդա Օրիենտալում նա ինքն է շինում իր բունը։ Ցերեկը և մասնավորապես երեկոներն այս թռչուններին կարելի է տեսնել բոլոր կողմերում։ Սրանք հաճախ զույգերով կանգնում են իրենց բներին մոտիկ բլուրների վրա։ Երբ նրանց անհանգստացնում են, նրանք կամ մտնում են իրենց բունը կամ մի սուր անհաճո ձայն հանելով՝ մի փոքր թռչում են զարմանալի ալիքաձև թռիչքով և ապա շուռ գալով անհողդողդ սևեռում են իրենց հալածողներին։ Երբեմն երեկոները լսվում է նրանց վայոցը։ Մի երկուսի ստամոքսները բացելիս գտա մկների մնացորդներ և մի օր էլ տեսա, թե ինչպես սպանել էին մի փոքրիկ օձ և տանում էին։ Ասում են, որ ցերեկը սրանց գլխավոր որսը կազմում են օձերը։ Թե որչափ տարբեր են և բազմապիսի այս բվերի սնունդ կազմող կենդանիները, դրա համար ես կարող իմ հիշատակել Չոնոսի արշիպելագի կղզիներից մեկում սպանված մի բու, որի ստամոքսից դուրս եկան բավականին մեծ և շատ խեչափառներ։ Հնդկաստանում[83] կա բվերի մի սեռ, որը նույնպես խեչափառ է բռնում։

Երեկոյան մի պարզ լաստով, որը պատրաստված էր տակառները կաշվի փոկերով իրար կապելով, անցանք Ռիո Արեցիֆ գետը և քնեցինք մյուս ափին գտնվող պոստատանը։ Այդ օրը վարձու ձիերի տիրոջը վճարեցի անցած երեսունմեկ փարսախ ճանապարհի վարձը, և թեև արևն ուժեղ շողշողում էր, բայց քիչ էի հոգնել։ Կապիտան Հեգը երբ իր «Ճանապարհորդություն» գրքում խոսում է օրական հիսուն փարսախ գնալու մասին, ես չեմ կարող երևակայել, որ այդ հարյուր հիսուն անգլիական մղոն կլինի։ Այսպես թե այնպես երեսունմեկ փարսախն ուղիղ գծով հազիվ թե յոթանասունվեց մղոնից ավելի լիներ, և այդպիսի մի բաց դաշտում այս կամ այն կողմ արած դարձումներն էլ կարելի է չորս մղոն հաշվել։

Սեպտեմբերի 29 և 30.— Մենք շարունակեցինք մեր ճանապարհը միևնույն, բնույթը կրող հարթավայրերով։ Սան Նիկոլասում առաջին անգամ ես տեսա հոյակապ Պարանա գետը։ Այն գահավանդի տակ, սրի վրա շինված է քաղաքը, խարիսխ էին գցել մի քանի մեծ նավեր։ Նախքան Ռnսարիո ժամանելը մենք անցանք Սալաղիլյոն,— մի գետակ, որն ունի մաքուր, վճիտ և արագահոս ջուր, բայց չափից ավելի աղի լինելու պատճառով այդ ջուրը խմել չէր կարելի։ Ռոսարիոն մի մեծ քաղաք է՝ շինված մի անբերրի հարթ դաշտի վրա, որը կազմում է մի գահավանդ՝ Պարանայից մոտ վաթսուն ոտնաչափ բարձր։ Այստեղ գետը շատ լայն է, գետի մեջ կան բազմաթիվ ցածր կղզիներ և հակառակ կսղմի նման ծածկված են անտառներով։ Նա շատ նման կլիներ մի լճի, եթե չլինեին նեղ և երկար կղզիները, որոնք նշմարելի են դարձնում ջրի հոսունությունը։ Այդ ընդհանուր տեսարանի ամենակենդանի մասը կազմում են ժայռերը. երբեմն սրանք լինում են բացարձակ ուղղաձիգ և կարմիր գույնի, իսկ երբեմն էլ խորտուբորտ կտրտված զանգվածներ, ծածկված կակտուսով և միմոզայի թփուտներով։ Այսպիսի վիթխարի գետի իրական մեծությունն զգալու համար բավական է մտածել նրա վրայով կատարվող չափազանց կարևոր հաղորդակցության և առևտրի մասին, անցած տարածության մեծության և այն ընդարձակ տերիտորիայի մասին, որից նա ստանում է առջևից անցնող անուշ ջրի հսկայական զանգվածը։

Սան Նիկոլասից և Ռոսարիոյից մի քանի փարսախ հյուսիս և հարավ ընկած է մի բոլորովին հարթ երկրամաս։ Հազիվ թե ճանապարհորդների գրածները նրա ծայրահեղ հարթության մասին չափազանցված լինեն։ Այնուամենայնիվ ես չէի կարող գտնել մի կետ, սրտեղ, կամաց դառնալով, առարկաները մի ուղղությամբ ավելի հեռու չերևային, քան մի այլ ուղղությամբ, և այս հանգամանքը բացահայտորեն ապացուցում է վայրի հարթության անհավասարությունը։ Ծովի վրա, որտեղ մարդու աչքը գտնվում է ջրի մակերևույթից վեց ոտնաչափ բարձր, հորիզոնը կլինի երկու և չորս հինգերորդ մղոն հեռու, այդպես նաև որչափ դաշտը հարթ լինի, այնքան հորիզոնը կմոտենա այս սահմաններին, և այս, իմ կարծիքով ամբողջովին փչացնում է այն վեհ տպավորությունը, որն սպասվում, է այսպիսի մի ընդարձակ հարթավայրից։

Հոկտեմբերի 1.— Երբ մեկնեցինք, լուսնակ գիշեր էր և Ռիո Տերսերո հասանք առավոտյան արևածագին։

Այս գետը նույնպես կոչվում է Սալադիլյո, և նա արժանի է այդ անվան, որովհետև նրա ջուրն աղի է։ Օրվա մեծ մասը ես անցկացրի այստեղ բրածո ոսկրներ փնտրելով։ Բացի տոքսոդոնի մի ամբողջական ատամից և բազմաթիվ այլ ցրված ոսկրներից այստեղ ես գտա իրար մոտիկ երկու վիթխարի կմախք, որոնք դուրս էին ցցված Պարանայի ուղղաձիգ ժայռերից։ Ժամանակի ընթացքում նրանք այնպես էին քայքայվել, որ ես կարող էի վերցնել և բերել մեծ սեղանատամներից մեկի փոքր կտորները միայն, բայց այս կտորներն էլ բավական են ցույց տալու, որ այդ մնացորդները պատկանում են մաստոդոնին, որը հավանորեն պատկանել է այն տեսակին, որը մեծ թվով պետք է տարածված վիներ վերին Պերուի Կորդիլյերներում։ Ինձ նավակի մեջ վերցնողներն ասում էին, որ շատ վաղուց իրենց հայտնի են այդ կմախքները և հաճախ շատ զարմացել են, թե ինչպես են նրանք բարձրացել այդտեղ։ Մի որևէ բացատրության անհրաժեշտությունից ստիպված նրանք այն եզրակացության էին եկել, որ մաստոդոնը, վիսկաշայի նման սկզբներում որջաբնակ կենդանի է եղել։ Երեկոյան եկանք մի այլ կայարան և անցանք Մոնջ գետը, որը նույնպես աղի է և որի մեջ թափվում են պամպասները հեղեղող և լվացող ջրերը։

Հոկտեմբերի 2.— Մենք անցանք Կորունդայի միջով, որն իր պարտեզների փարթամությամբ իմ տեսած ամենագեղեցիկ գյուղերից մեկն է։ Այստեղից մինչև Սանտա Ֆե ճանապարհն այնքան ապահով չէ։ Պարանայի արևմտյան կողմում դեպի հյուսիս բնակչություն չկա, ուստի և հնդիկները երբեմն գալիս են հարավ մինչև այստեղ և սպասում ճանապարհորդներին։ Այստեղի բնությունը նույնպես նպաստում է հնդիկների այս գործին, որովհետև այստեղ կանաչ հարթավայրերի փոխարեն գոյություն ունի խիտ անտառ՝ ցածր միմոզայի փշոտ թփուտներից կազմված։ Մենք անցանք մի քանի տների մոտով, որոնք ենթարկվել էին կողոպուտի և այնուհետև զրկվել իրենց բնակիչներից. միաժամանակ մենք տեսանք մի տեսարան, որ իմ ուղեկիցները դիտում էին մեծ բավականությամբ։ Այդ ծառից կախված մի հնդիկի կմախք էր, որի ոսկրների վրայից կախվել էր չորացած մաշկը։

Առավոտյան հասանք Սանտա Ֆե։ Ես շատ զարմացել էի տեսնելով թե ինչպիսի մեծ կլիմայական փոփոխություն էր առաջացրել այս վայրի և Բուենոս Այրեսի միջև եղած լայնության միայն երեք աստիճանի տարբերությունը։

Այս բանը երևում էր մարդկանց հագուստներից, դեմքի արտահայտություններից, օմբու ծառերի մեծությունից, կակտուսների և այլ բույսերի նոր տեսակներից և մասնավորապես թռչուններից։ Մի ժամվա ընթացքում ես նկատեցի կես դուժին թռչուններ, որոնց ես երբեք չէի տեսել Բուենոս Այրեսում։ Նկատի ունենալով, որ այս երկու երկրների միջև ոչ մի բնական սահման չկա, և երկու շրջաններն էլ ունեն գրեթե միևնույն պատկերը, այդ տարբերությունն ինձ ավելի մեծ էր թվում, քան ես կարող էի սպասել։

Հոկտեմբերի 3 և 4.— Այս երկու որը գլխի ցավից ես բանտարկված էի անկողնում։ Մի բարի ծեր կին, որն ինձ խնամում էր, առաջարկում էր ինձ փորձել բազմաթիվ տարօրինակ դեղեր։ Այստեղ շատ տարածված է յուրաքանչյուր քունքին կապել նարնջի տերև կամ մի կտոր սև սպեղանի, իսկ շատ ավելի սովորական է լոբին երկու կես անելը, թրջելը և յուրաքանչյուր կտորը մի քունքին կպցնելը, որտեղ նրանք կպչում և մնում են շատ հեշտությամբ։ Չի կարելի լոբու կամ սպեղանու կտորը պոկել. թողնում են մինչև նա ինքն իրեն ընկնի, և երբ այդ կտորները ճակատին կպցրած մարդուն դրսում հարցնում են, թև ի՛նչ է պատահել իրեն, պատասխանում է. «Երեկ չէ մյուս օրը գլուխս ցավում էր»։ Այդ գյուղերում գործածվող դեղերից շատերը ծիծաղելու աստիճան տարօրինակ են և զզվելի, և այստեղ հարմար չէ հիշատակել։ Նվազ զզվելի դեղերից մեկը կոտրված անդամներ կապելն է, որի համար մորթում են երկու շան լակոտ, ճեղքում և կապում կոտրված տեղին։ Շատ հարգի են փոքրիկ անմազ շները, որոնց քնացնում են ինվալիդների ոտների տակ։

Սանտա Ֆեն մի խաղաղ փոքրիկ քաղաք է և միշտ պահվում է մաքուր և բարեկարգ վիճակում։ Նահանգապետ Լոպեսը ռևոլուցիայի ժամանակ մի հասարակ զինվոր էր, բայց արդեն տասնյոթ տարի է, որ ղեկավարում է քաղաքը։ Իշխանության այս երկարատևությունն արդյունք է նրա բռնակալ սովորությունների, որովհետև թվում է թե այս երկրներին դեռ բռնակալությունն ավելի է համապատասխան, քան ռեսպուբլիկական ղեկավարումը։ Նահանգապետի հաճելի զբաղմունքը հնդիկներ որսալն է։ Վերջին ժամանակները նա սպանել է քառասունութ հնդիկ և ծախել նրանց երեխաներին՝ յուրաքանչյուրը երեք կամ չորս ոսկով։

Հոկտեմբերի 5.— Անցնելով Պարանան, եկանք Սանտա Ֆե Բախադա քաղաքը, որը գտնվում է գետի մյուս կողմում։ Գետն անցնելը տևեց մի քանի ժամ, որովհետև գետն այստեղ ներկայացնում էր փոքրիկ գետակների մի լաբիրինթոս, որոնք իրարից բաժանված էին անտառածածկ ցածր կղզիներով։ Ինձ մոտ մի հանձնարարական նամակ կար՝ ուղղված մի կատալոնացի ծեր սպանացու, որն ինձ ցույց տվեց վերին աստիճանի անսովոր հյուրասիրություն։ Բախադան Էնտրե Ռիոսի կենտրոնն է։ 1825 թվին նա ուներ 6000 բնակիչ, իսկ գավառը՝ 30000, բայց, չնայած բնակչության նոսրության, ոչ մի շրջան այնքան չի տառապել արյունոտ ռևոլուցիաներից, որքան այս շրջանը։ Այստեղ սրանք պարծենում են իրենց ներկայացուցիչներով, մինիստրներով, կայուն բանակով և նահանգապետներով, այնպես որ զարմանալի չէ, որ այսքան շատ ռևոլուցիաներ են կատարվում այստեղ։ Ապագայում այս շրջանը Լա Պլատայի ամենահարուստ շրջաններից մեկը կդառնա։ Հողն այստեղ շատ այլազան է և արգավանդ, և նրա գրեթե կղզիացած ձևը, Պարանա և Ուրուգվայ գետերի միջոցով, նրան տալիս է հաղորդակցության երկու մեծ գծեր։

Այստեղ ես մնացի հինգ օր և զբաղված էի շրջանի երկրաբանությունն ուսումնասիրելով, որը չափազանց հետաքրքրական էր։ Այստեղ ժայռերի կողերին մենք տեսնում ենք շերտեր, որոնք պարունակում են շնաձկների ատամներ և ծովային խեցիներ, որոնք այժմ անհետացած են։ Այդ շերտի վերև գտնվում է կարծրացած մերդել, իսկ ավելի վերև, ընկած է պամպասների կավային հողը, որոնց մեջ կան կրային կոնկրեցիաներ և ցամաքի չորքոտանիների ոսկրներ։ Այս վերտիկալ կտրվածքը պարզ ցույց է տալիս, որ այդտեղ եղել է մի մեծ ծոց, մաքուր աղային ջրով, որն աստիճանաբար նվաճվելով վերջիվերջո փոխարկվել է մի տղմոտ գետաբերանի, և որի մեջ ջրի միջոցով հավաքվել են կենդանիների մնացորդները։ Բանդա Օրիենտալի շրջանում, Պունտա Գորդայում գտա պամպասյան էստուարային (գետաբերանային) մի փոփոխական նստվածք, որտեղ կրաքարային մի շերտ պարունակում էր միևնույն անհետացած ծովային խեցիներից մի քանիսը. այդ ցույց է տալիս, որ կամ սկզբնական հոսանքի փոփոխություն է կատարվել, կամ թե հին գետաբերանի հատակի մակարդակի տատանում է տեղի ունեցել, որն ավելի հավանական է։ Մինչև վերջերս ես ընդունում էի պամպասյան ֆորմացիան որպես էստուարային նստվածք՝ հիմնվելով նրա ընդհանուր տեսքի, Պլատա մեծ գետի գետաբերանի շրջանում նրա ունեցած դիրքի և ցամաքային չորքոտանիների բազմաթիվ ոսկրների ներկայության վրա, բայց այժմ պրոֆեսոր Էրենբերգն ինձ համար ուսումնասիրել է քիչ կարմիր հող, որը վերցված է եղել նստվածքի տակի շերտերից, մաստոդոնի կմախքների մոտից, և նրա մեջ գտել է շատ ինֆուզորիաներ, որոնց մի մասը պատկանում է աղի ջրի, իսկ մի մասն՝ անուշ ջրի ձևերին. վերջիններս ավելի գերակշռող մաս են կազմում, այստեղից էլ նա նկատում է, որ այդ ջուրը պետք է մասամբ աղի եղած լինի։ Պ. Ա. դ’Օրբինին Պարանայի ափերին, հարյուր ոտնաչափ բարձրության վրա, գտել է գետաբերանային խեցու մեծ շերտեր, այդ խեցին այժմ ապրում է հարյուր մղոն ներքև, ծովին մոտիկ. ես նույնպես գտել եմ նման խեցիներ Ուրուգվայի ափերին՝ ավելի ցածր տեղերում։ Այս ցույց է տալիս, որ նախքան պամպասների դանդաղ բարձրացումը և ցամաքի, վերածվելը այդ տարածությունը ծածկող ջուրը եղել է որոշ չափով աղի։ Բուենոս Այրեսից ներքև կան այժմ ապրող ծովային խեցիների տեսակներ պարունակող՝ վեր բարձրացած շերտեր. այդ նույնպես ապացուցում է, որ պամպասների բարձրացումը եղել է վերջին ժամանակաշրջանում։

Պամպասյան նստվածքում, Բախադայում ես գտա մի վիթխարի զրահակիրանման կենդանու, ոսկրային զրահ, որի ներսը, հողը հեռացնելուց հետո, նման էր մի մեծ կաթսայի։ Ես գտա նաև տոքսոդոնի և մաստսդոնի ատամներ և ձիու մի ատամ, որոնք գտնվում էին միևնույն փտած և քայքայված վիճակում։ Այս վերջին ատամն ինձ չափազանց շատ էր հետաքրքրում,[84] և ես մեծ հոգատարությամբ աշխատում էի ստուգել, թե արդյոք այդ ատամն էլ չի՞ թաղված մյուս մնացորդների հետ միաժամանակ, որովհետև այդ ժամանակ դեռ ես չէի իմանում, որ Բահիա Բլանկայից հավաքած բրածոների մեջ կար ձիու ատամ, որը թաքնված էր բրածոյի կաղապարի մեջ, և ոչ էլ մինչ այդ որոշակիորեն հայտնի էր, որ ձիերի մնացորդները շատ տարածված են և սովորական Հյուսիսային Ամերիկայում։ Մր. Լայելը վերջերս Միացյալ Նահանգներից բերել է ձիու մի ատամ. հետաքրքրականն այն է, որ պրոֆեսոր Օուենը համեմատելով այն բրածո կամ ժամանակակից ձիերի ատամների հետ՝ չի գտել և ոչ մի չնչին, բայց բնորոշ կորություն, որը հատկանշական լիներ այդ ատամի համար, մինչև որ չի համեմատել այն իմ այստեղից վերցրած նմուշի հետ։ Նա ամերիկյան այս ձին անվանել է Equus curvidens։ Իսկապես կաթնասունների պատմության մեջ չափազանց հետաքրքրական փաստ է Հարավային Ամերիկայում տեղական ձիու գոյություն ունենալը և անհետացումը, որին հետագայում հաջորդում են սպանացի կոլոնիստների բերած մի քանի ձիերից առաջացած անհաշիվ քանակությամբ ձիերի խմբեր։

Կենդանիների աշխարհագրական տարածման տեսակետից չափազանց հետաքրքրական է Հարավային Ամերիկայում բրածո ձիու, մաստոդոնի, հավանորեն փղի[85] և մի սնամեջ եղջյուրյա որոճացողի գոյությունը, որ Բրազիլիայի քարանձավներում հայտնաբերել են պ. պ. Լունդը և Կլաուզենը։ Ներկայումս եթե մենք Ամերիկան բաժանենք ոչ թե Պանամայի նեղուցով, այլ Մեքսիկայի հարավային մասից[86](20° լայնությունից), որտեղ մեծ սարահարթն իր կլիմայով և, բացառությամբ մի քանի հովիտների և ծովափի մի փոքր ցածր եզերքի, լայն պատվարներով արգելք է հանդիսանում տեսակների տարածմանը, կունենանք. Հյուսիսային և Հարավային Ամերիկաների երկու կենդանական պրովինցիաները, որոնք իրար նկատմամբ ներկայացնում են ուժեղ կոնտրաստ։ Միայն մի քանի տեսակներն են անցել այդ պատնեշը, և դրանց էլ կարելի է համարել Հարավային Ամերիկայից եկող թափառաշրջիկներ, օրինակ՝ պուման, պարկամուկը, կինկաժուն և պեկարին։ Հարավային Ամերիկայի համար հատկանշական է բազմաթիվ կրծողների գոյությունը — կապիկների մի ընտանիք, լաման, պեկարին, տապիրը, պարկամուկը և առանձնապես Edentata-յի մի քանի սեռերը, այս վերջինն այն կարգն է, որի մեջ մտնում են համրուկները, մրջնակերները և զրահակիրները։ Մյուս կողմից՝ Հյուսիսային Ամերիկան բնորոշ է (չհաշվելով մի քանի թափառաշրջիկ տեսակները) բազմաթիվ առանձնահատուկ կրծողներով և սնամեջ եղջերավոր որոճացողների չորս սեռերով (եզը, ոչխարը, այծը և անտիլոպը). այս վերջին մեծ շարքից, որքան ինձ հայտնի է, և ոչ մի տեսակ գոյություն չունի Հարավային Ամերիկայում։ Հին ժամանակներում, երբ այժմ ապրող խեցիների մեծ մասն արդեն գոյություն ունեին, Հյուսիսային Ամերիկայում կային նաև, բացի սնեղջյուրյա որոճացողներից, փիղ, մաստոդոն, ձի և թերատամների երեք սեռերը, որոնք են՝ մեգաթերիումը, մեգալոնիքսը և միլոդոնը։ Գրեթե այդ նույն ժամանակներում (ինչպես այդ ապացուցվում է Բահիա Բլանկայի խեցիներով) Հարավային Ամերիկայում գոյություն ունեին, ինչպես արդեն տեսանք, մաստոդոն, ձի, սնեղջյուրյա որոճացող և թերատամների միևնույն երեք սեռերը (ինչպես և մի քանի այլ սեռեր)։ Այստեղից կարելի է հետևցնել, որ Հյուսիսային և Հարավային. Ամերիկաները վերջին երկրաբանական պերիոդում ունենալով երկու մասումն էլ այս ընդհանուր մի քանի սեռերը, իրենց ցամաքային բնակիչներով շատ ավելի նման էին իրար, քան այժմ։ Որքան ավելի եմ խորհրդածում այս խնդրի վրա, այնքան այդ հետաքրքրական է դառնում ինձ համար։ Ես չգիտեմ մի այլ դեպք, որտեղ կարելի լինի նկատել կենդանական -մի մեծ գոտու ճեղքման պերիոդը և եղանակները, որից առաջանան երկու լավ բնորոշ և տարբեր կենդանական շրջաններ։ Այն երկրաբանը, որը լրիվ հասկանում է մակարդակի այն ընդարձակ տատանումները, որոնց ենթարկվել է երկրի կեղևը վերջին պերիոդների ընթացքում, համարձակ, կարող է ենթադրություններ անել մեքսիկական պլատֆորմի բարձրացման, կամ ավելի հավանականաբար վերջին ժամանակներում Վեստ-Ինդիա արշիպելագի որոշ մասը ծովի տակ իջնելու մասին, որը եղել է Հյուսիսային և Հարավային Ամերիկաների ներկայումս գոյություն ունեցող տարբեր կենդանական աշխարհների անդատման պատճառը։ Վեստ Ինդիայի կաթնասունների հարավային ամերիկյան բնույթ ունենալը[87] ցույց է տալիս, որ այս արշիպելագն առաջ միացած է եղել հարավային երկրամասին և հետագայում վերածվել ջրի տակ իջած մի տարածության։

Երբ Ամերիկայում, մասնավորապես Հյուսիսային Ամերիկայում, կային Փղեր, մաստոդոններ, ձիեր և սնեղջյուրյա որոճացողներ, այդ երկիրն իր զոոլոգիական բնույթով այն ժամանակ շատ ավելի նման էր Եվրոպայի և Ասիայի բարեխառն մասերին, քան այժմ։ Որովհետև այս սեռերի մնացորդները գտնում ենք Բերինգի նեղուցի[88] երկու ափերում, ինչպես և Սիբիրի հարթավայրերում, ուստի պետք է որ Հյուսիսային Ամերիկայի հյսւսիս-արևմտյան կողմն անցյալներում եղած լինի հին, ևշ այսպես ասած. նոր աշխարհների միջև հաղորդակցության կետ։ Եվ որովհետև այս նույն սեռերից բազմաթիվ տեսակներ, անհետացած կամ այժմս գոյություն ունեցող, բնակվել են և բնակվում են հին աշխարհում, ուստի ամենայն հավանականությամբ Հյուսիսային Ամերիկայի փիղը, մաստոդոնը, ձին և սնեղջուրյա որոճողները Սիբիրից գաղթել են Հյուսիսային Ամերիկա, երբ Բիրինգի մոտերքում ցամաքը դեռ սուզված չի եղել և ներկայացրել է մի կամուրջ Ասիայի և Ամերիկայի միջև, իսկ Հյուսիսային Ամերիկայից էլ Վեստ-Ինդիայի վրայով ցամաքով, որը դեռ սուզված չի եղել, տարածվել են Հարավային Ամերիկա, որտեղ որոշ ժամանակով նրանք խառնվել են Հարավային Ամերիկային հատուկ ձևերի հետ և այնուհետև անհետացել են։

Այդ դաշտերից անցնելիս ինձ վառ գույներով նկարագրում էին վերջին ժամանակներս տեղի ունեցած մի երկարատև երաշտի հետևանքների մասին։ Այն ազդեցությունները, որ առաջացրել էր երաշտը, կարող են որոշ լույս սփռել բազմապիսի կենդանիներ միևնույն վայրում միաժամանակ թաղված լինելու դեպքերի բացատրության վրա։ 1827-ից մինչև 1830 թիվը ներառյալ ժամանակաշրջանը կոչվում է „gran seco” կամ մեծ երաշտ։

Այդ տարիներին այնքան քիչ անձրև էր եկել, որ բուսականությունը, մինչև անգամ ուղտափշերը ոչնչացել էին, առվակները չորացել էին և ամբողջ շրջանը մի փոշոտ լայն ճանապարհի տեսք էր ստացել։ Այդ ավելի ուժեղ արտահայտվել է Բուենոս Այրեսի գավառի հյուսիսային մառում և Սանտա Ֆեի հարավային մասում։ Անհաշիվ թվով թռչուններ, վայրի կենդանիներ, խոշոր եղջերավոր անասուններ և ձիեր ոչնչացել են կերի և ջրի պակասությունից։ Մի մարդ ասում էր ինձ, որ եղջերուները[89] գալիս էին մինչև իր բակի ջրհորը, որ նա փորել էր իր ընտանիքը ջրով ապահովելու համար. կաքավներն այն աստիճան ուժասպառ էին եղել, որ չեն կարողացել թռչել իրենց հետապնդողների առջևից։ Բուենոս Այրեսի շրջանում միայն խոշոր եղջերավոր անասունների կորուստն ամենամինիմումը մեկ միլիոն գլխից ավելի է եղել։ Մի կալվածատեր Սան Պեդրոյում երաշտից առաջ ունեցել է 20000 խոշոր եղջերավոր անասուն, երաշտի վերջը և ոչ հատ չի մնացել։ Սան Պեդրոն գտնվում է մի վերին աստիճանի գեղեցիկ շրջանի կենտրոնում, և մինչև անգամ այժմ նորից, ամեն կողմ կարելի է տեսնել բազմաթիվ կենդանիներ, բայց „gran seco”-յի վերջին շրջանում բնակիչներին կերակրելու համար ուրիշ վայրերից նավերով անասուններ են բերում մորթելու համար։ Կենդանիները փախչում էին իրենց ֆերմաներից շատ հեռու տեղեր և գնալով հարավ՝ այնպիսի մեծ քանակություններով էին խառնվում իրար, որ Բուենոս Այրեսից մի կառավարական հանձնաժողով է ուղարկվում այնտեղ տերերի վեճերը և կռիվները լուծելու համար։ Սըր Ուուդբայն Փերիշն ինձ պատմել է մի այլ շատ հետաքրքրական վեճի մասին, գետինն այնքան երկար ժամանակ չոր է մնում, որ հողը փոշու վերածվելով կիտվում է այս ու այն կողմ, և բաց դաշտում կալվածների սահմանները. կորչում են հողի տակ, և տերերը չեն կարողանում որոշել իրենց կալվածների սահմանը։

Մի ականատես պատմում էր, որ խոշոր եղջերավոր անասունները հազարներից կազմված նախիրներով խռնված վազել են Պարանա գետը մտնելու և քաղցից ուժասպառ լինելով այլևս չեն կարողացել դուրս գալ նրա տղմոտ թմբերից և խեղդվել թաղվել են այնտեղ։ Գետի այն ճյուղը, որը հոսում է Սան Պեդրոյի մոտով, այնպես է լցված եղել նեխած դիակներով, որ մի նավապետ ասել է, թե հոտից բոլորովին անհնար է դարձել գետն անցնելը։ Անկասկած այսպիսով այդ գետում ոչնչացել է մի քանի հարյուր հազար կենդանի. ջրի երեսին երևացել են նրանց նեխած և փտած մարմինները. այդ մարմիններն անցել են ջրի հոսանքի ուղղությամբ։ Հավանորեն այս մարմիններից շատերը նստեցին Պլատա գետախորշում։ Բոլոր փոքր գետերի ջրերը վերին աստիճանի աղի են դարձել, ուստի և երբեմն մի տեղում մեռած պիտի լինեն բազմաթիվ կենդանիներ, որովհետև երբ կենդանին խմում է այս աստիճանի աղի ջուր, նա այլևս չի կարող ապրել։ Ազարան[90] նկարագրում է վայրի ձիերի մի խումբ, որոնք խուժելիս են լինում ճահիճները. առաջին անգամ ճահիճները հասնող ձիերը ճզմվում և ոտնակոխ են լինում հետևից խուժող ձիերի կողմից։ Նա ավելացնում է, որ ինքը մի քանի անգամ տեսել է հազարավոր վայրի ձիերի մնացորդներ, որոնք ցցված են եղել ճահիճների մեջ և ոչնչացել։ Ես ինքս նկարագրել եմ, թե ինչպես պամպասների փոքրիկ գետակները սալահատակված են եղել ոսկորներով։ Բայց այդ ոսկրները հավանորեն առաջացել են ոչ թե միանգամից, այլ կենդանիների աստիճանաբար ոչնչանալուց։ Այդ երաշտին (1827—1832) հաջորդեց մի ուժեղ անձրևային եղանակ, որից առաջացան բազմաթիվ մեծ հեղեղներ, և հազարավոր կմախքներ երաշտից հետո թաղվեցին մի տեղում։ Ի՞նչ կարող է մտածել մի երկրաբան՝ տեսնելով այսպիսի մեծ քանակությամբ ոսկրների կոլեկցիա՝ կազմված բոլոր ժամանակների և բազմաթիվ տեսակների կենդանիների ոսկրնհրից, որոնք շատ խիտ թաղված են մի շերտում։ Արդյոք նա այս չէ՞ր վերագրի հեղեղին, որն ավլելով սրբելով երկրի երեսը՝ բերել լցրել է այդ ոսկրները մի տեղ, թե՞ այդ կհամարեր իրերի ընդհանուր կարգ։[91]

Հոկտեմբերի 12.— Մտադիր էի էքսկուրսիաս շարունակել քիչ ավելի հեռու, բայց որովհետև առողջությունս այնքան էլ լավ չէր, ստիպված էի վերադառնալ բալանդրայով, որը մի կայմանի նավ է և կարող է վերցնել մոտ հարյուր տոնն բեռ։ Այդ նավն ուղևորվում էր դեպի Բուենոս Այրես։ Որովհետև եղանակն այնքան լավ չէր, առավոտյան կանուխ նավը պարանով կապեցինք կղզյակներից մեկի վրա գտնվող մի ծառի ճյուղից։ Պարանա գետը լի է կղզիներով, որոնք անընդհատ մի կողմից քայքայվում են, մյուս կողմից՝ նորոգվում։ Այդ նավի տերը հիշում էր բազմաթիվ մեծ կղզիներ, որոնք ֊քայքայվել, անհետացել էին և մի քանիսն էլ նորից վերակազմվել և պաշտպանվել բուսականության կողմից։ Այդ կղզիները կազմված են տղմոտ ավազից. այնտեղ չի կարելի գտնել մինչև անգամ շատ փոքր խճեր. նրանց բարձրությունը, գետի մակարդակից հաշված, չորս ոտնաչափից չի անցնում, բայց պարբերական հեղեղների ժամանակ սրանք ամբողջովին ողողվում են գետի ջրով։ Նրանք բոլորն էլ միևնույն բնույթն ունեն, բազմաթիվ ուռենիներ և մի քանի այլ ծառեր իրար կապված են մագլցող բույսերի բազմաթիվ փոփոխակներով՝ կազմելով մի խիտ մացառուտ։ Այս թփուտները ջրախոզերի և յագուարների համար առանձնարաններ են։ Վերջինիս տարածած սարսափը խորտակում էր այդ անտառների մեջ մագլցելու զվարճության մեր բոլոր հույսերը։ Այդ երեկո հազիվ թե հարյուր քայլ հեռացել էի, երբ գետնին նկատեցի աներկբայելիորեն վագրի բոլորովին նոր հետքեր, և ես ստիպված էի վերադառնալ։ Յուրաքանչյուր կղզում կարելի է գտնել ոտնահետքեր, և ինչպես որ նախորդ էքսկուրսիաների ընթացքում խոսակցության նյութը կազմում էին հնդիկների հետքերը, այնպես էլ այստեղ անընդհատ խոսում էինք վագրերի հետքերի մասին։

Մեծ գետերի եղեգնյա ափերն ըստ երևույթին հանդիսանում են յագուարների սիրած հաճախատեղերը. բայց Պլատայից հարավ ինձ ասացին, որ նրանք ավելի շատ հաճախում են լճերի եզրերին աճող եղեգները, որտեղ էլ որ լինեն, այնուամենայնիվ նրանք պահանջ են ունենում ջրի։ Նրանց գլխավոր որսը ջրախոզն է, այնպես որ կարելի է ասել, որ այն տեղերում, որտեղ ջրախոզն առատ է, յագուարի վտանգն այնքան մեծ չէ։ Ֆալկոները նշում է, որ Պլատա գետաբերանի հարավային կողմի մոտերքում կան բազմաթիվ յագուարներ, և նրանք գլխավորապես ձկներով են ապրում. այս տեղեկությունը ես լսել եմ նաև այլ մարդկանցից։ Պարանայի վրա նրանք սպանել են մի շարք փայտահատների և մինչև անգամ գիշերը մտել են նավերը։ Բախադայում ապրում է մի մարգ, որը ներքևից դեպի վերև նավարկելիս գիշերը տախտակամածի վրա բռնվում է այս կենդանիներից. թեև հաջողվում է փախչել, բայց այդ այնքան էժան չի նստում նրան. նրա մի թևը գործածությունից դուրս է գալիս։ Այս կենդանիներն ամենից շատ վտանգավոր են այն մոմենտին, երբ հեղեղը նրանց քշում է կղզիների վրայից։ Ինձ պատմում էին, որ մի քանի տարի առաջ Սանտա Ֆեում մի մեծ յագուար մտնում է մի եկեղեցի. այնուհետև երկու քահանա իրար հետևից մտնում են ներս և այլևս չեն վերադառնում, մի երրորդը գնում է իմանալու, թե ինչո՛ւ չեն վերադառնում, և նա մեծ դժվարությամբ ազատում է իր կյանքը փախչելով։ Այս գազանն սպանել են շենքի մի անկյունից, որի համար հարկ է եղել քանդել ծածկի մի մասը։ Երբեմն նրանք մեծ ավերմունք են գործում նաև անասունների և ձիերի մեջ։ Ասում են, որ նրանք իրենց որսն սպանում են վիզը կոտրատելով։ Եթե մի անգամ. սրանց քշում են դիակի վրայից, այլևս նրանք ետ չեն դառնում. գաուչոներն ասում են, որ յագուարը գիշերը թափառելիս շատ է նեղվում իրեն հետևող աղվեսների կաղկանձից։ Այս մի շատ հետաքրքրական զուգադիպություն է Հնդկաստանում գոյություն ունեցող մի փաստի հետ, որտեղ, ասում են, շնագայլերը (չախկալ) միևնույն համարձակությամբ հետևում են Արևելյան Հնդկաստանի վագրին։ Յագուարը մի աղմկոտ կենդանի է, ավելի շատ մռնչում է գիշերը, մասնավորապես վատ եղանակներին։

Մի օր Ուրուգվայի ափերին որսի էի գնացել, երբ ինձ ցույց տվին մի քանի ծառեր, որոնց վրա միշտ պատահում են այս կենդանիները։ Ասում են, որ նրանք այդ ծառերի վրա սրում են իրենց ճիրանները։ Ես տեսա երեք հայտնի ծառեր, որոնց կեղևները մաշված և հղկված էին, կարծեք թե այդ կատարվել էր կենդանիների կրծքով։ Այս հղկված մասի յուրաքանչյուր կողմում կային խորը ճանկռտուքներ կամ ավելի ճիշտ կլինի ասել ակոսիկներ, որոնք տարածված էին շեղ գծով և ունեին մեկ յարդ երկարություն։ Այդ ակոսներն առաջացել էին տարբեր ժամանակներում։ Յագուարի մոտալուտ լինելը հայտնաբերելու սովորական եղանակներից մեկն էլ այս ծառերի վրա եղած հետքերը քննելն է։ Իմ կարծիքով՝ յագուարի այս սովորությունը միանգամայն նման է հասարակ կատվի սովորությանը, որը նույնպես դուրս ձգած ոտներով և բացած ճիրաններով ճանկռտում է աթոռի ոտները. ես լսել եմ նաև Անգլիայում մրգի փոքր ծառերն այս եղանակով ոչնչացնելու մի քանի դեպքերի մասին։ Նման որոշ սովորություններ պետք է ունենա նաև պուման, որովհետև Պատագոնիայի լերկ և պինդ գետնի վրա ես հաճախ տեսել եմ այնպիսի խոր ակոսներ, որ միայն պուման կարող էր առաջացրած լինել։ Այս գործողության նպատակը, իմ կարծիքով, ճիրանների մաշված մասերից ազատվելն է և ոչ թե սրելը, ինչպես կարծում են գաուչոները։ Յագուարին կարելի է սպանել առանց մեծ դժվարության. շներն իրենց հաչոցով քշում են նրան ծառի վրա, որտեղ հեշտությամբ կարելի է խփել նրան գնդակով։ Վատ եղանակի պատճառով մենք երկու օր մնացինք մեր նավի խարսխած տեղում։ Մեր միակ զվարճալիքը ճաշի համար ձուղ որսալն էր։ Այնտեղ կային բազմաթիվ տարբեր տեսակի ձկներ և բոլորն էլ շատ համեղ էին։ Մի ձուկ, որին անվանում են «արմադո» (artmado — Silurus-ի մի տեսակը) նշանավոր է իր անհաճո խռպոտ ձայնով, որ հանում է կարթով կամ լարով բռնվելիս. այդ ձայնը պարզ լսելի է դեռ ձուկը ջրում եղած ժամանակ։ Այս նույն ձուկն օժտված է որևէ առարկայի ամուր կառչելու ունակությամբ, լինի այդ նավարկելու թիակ, թե ձկնորսական կարթի թելը. նա այդ կատարում է կրծքի և կռնակի լողաթևերի ուժեղ փշերի միջոցով։ Երեկոյան եղանակը կատարյալ արևադարձային էր, ջերմաչափր ցույց էր տալիս 79°։ Ամեն կողմ, աջ ու ձախ թռչում էին լուսարձակ միջատները, իսկ մժղուկները կատարյալ նեղում էին մեզ։ Հինգ րոպեի չափ ձեռքս պարզելիս այնքան մժղուկ հավաքվեց, որ ձեռքս սևացավ. հավանորեն նրանց թիվը հիսունից պակաս չէր լինի, և բոլորն լք զբաղված էին ծծելով։

Հոկտեմբերի 15.— Այդ օրը մենք ճանապարհ ընկանք և անցանք Պունտա Գորդան, որտեղ կա նստակյաց հնդիկների մի գաղութ. այս հնդիկներին բերել են Միսիոնես գավառից։ Արագ նավարկեցինք գետի հոսանքով ներքև, բայց նախքան արևի մայրամուտը, վատ եղանակից անիմաստ երկյուղ կրելով. մտանք գետի մի նեղ թևը։ Ես նավակով նավարկեցի այս երկար գետախորշի հակառակ ուղղությամբ բավականին հեռուները։ Այս մի շատ նեղ, ոլորապտույտ և խորը գետախորշ էր, որի երկու կողմերում էլ բարձրանում էին երեսունից քառասուն ոտնաչափ բարձրության պատեր՝ կազմված խիտ ծառերից և հյուսված ու իրար միացած մագլցող բույսերով։ Այդ պատերը. վտակին տալիս էին մի կատարյալ մռայլ տեսք։ Այսւոեղ ես տեսա մի տարօրինակ թռչուն, որին անվանում էին մկրատակտուց (Rhynchops nigra)։ Նա ունի կարճ սրունքներ և թաղանթավոր ոտքեր, իսկ թևերը վերին աստիճանի երկար են և սուր, նա լինում է մոտավորապես ծովային ծիծեռնակի մեծության։ Կտուցը տափակացած է դեպի կողքերը, այսինքն այնպիսի մի հարթության վրա, որը բադի կամ գդալակտոց թռչունի կտուցի հարթության հետ ուղիղ անկյուն է կազմում։ Նա նույնչափ հարթ և առաձգական է, ինչպես փղոսկրյա դանակը, և ներքին ծնոտը, ի տարբերություն բոլոր այլ թռչուններից, մեկ և կես մատնաչափ վերինից երկար է։ Մալդոնադոյի շրջակայքում գտնվող մի լճում, որի ջուրը գրեթե ցամաքել էր, որի հետևանքով և առատորեն վխտում էին փոքրիկ ձկնիկները, ես տեսա այս թռչուններից մի քանիսին, որոնք սովորաբար լինում էին փոքրիկ երամներով և թռչում էին արագորեն ետ ու առաջ՝ լճի ջրին խիստ մոտիկ։ Նրանք իրենց կտուցը լայն բաց էին անում և ներքին ծնոտը կիսով խրում ջրի մեջ։ Այսպես սահելով ջրի վրայով՝ նրանք վարում էին այն իրենց թռիչքի ժամանակ։ Ջրի մակերեսը բոլորովին խաղաղ էր, և նա ներկայացնում էր վերին աստիճանի հետաքրքրական տեսարան՝ երամները դիտելու տեսակետից. յուրաքանչյուր թռչուն յուր հետևը, հայելանման մակերեսի վրա, թողնում էր իր թռիչքի նեղ հետքը։ Թռիչքի ընթացքում այս թռչունները հաճախ կատարում են շատ արագ պտույտներ և մեծ ճարպկությամբ իրենց ներքին ծնոտով ակոսում են ջուրը և բռնում փորր ձկներ, որոնց պահում են իրենց մկրատանման կտուցի վերին և կարճ ծնոտի միջոցով։ Այս բանը ես տեսա մի քանի անգամ, երբ նրանք ծիծեռնակների նման շարունակ ետ ու առաջ էին անցնում իմ առջևից։

Իսկ երբ թողնում էին ջրի մակերեսը, նրանց թռիչքը լինում էր վայրագ, անկանոն ու արագ, և այդ ժամանակ արձակում էին բարձր, կոշտ և խռպոտ ձայներ։ Երբ այս թռչունները ձուկ էին որսում, խիստ աչքի էր ընկնում այն առավելությունը, որ ներկայացնում էին նրանց թևերի սկզբնական երկար փետուրները, որոնք նրանց մարմինը չոր էին պահում։ Երբ նրանք որսում են ձկներ, ընդհանուր տեսքով նման են ծովային այն տիպիկ թռչուններին, որոնց հաճախ վերարտադրում են նկարիչները։ Նրանց պոչը մեծ ծառայություն է մատուցում՝ իրենց անկանոն թռիչքը ղեկավարելու համար։

Այս թռչունները տարածված են բավականին հեռուները՝ երկրի խորքերում, Ռիո Պարանա գետի հոսանքի ուղղությամբ։ Ասում են, որ ամբողջ տարին նրանք մնում են այստեղ և թուխս նստում ճահիճների մեջ։ Ցերեկը նրանք հանգստանում են երամներով՝ կանաչ հարթավայրերում, ջրերից որոշ հեռավորության վրա։

Երբ խարիսխ էինք գցել Պարանայի երկու կղզիների միջև գտնվող մի խոր գետախորշում, որի մասին արդեն հիշատակել եմ, և երբ երեկոն վերջանում էր, հանկարծակի երևաց այս մկրատակտուցներից մի թռչուն։ Ջուրը բոլորովին խաղաղ էր, և ջրի երեսն էին բարձրանում բազմաթիվ փոքրիկ ձկներ։ Երկար ժամանակ այս թռչունը շարունակ սահում էր ջրի մակերեսով՝ թռչելով իր կոպիտ և անկանոն թռիչքով նեղ ջրանցքից ներքև, ու վերև, որն արդեն մթագնել էր գիշերային խավարից և կախված ծառերի ստվերներից։ Մոնտեվիդեոյում ես նկատեցիք որ մի քանի մեծ երամներ հանգստանում էին նավահանգստի վերևում, տղմոտ թմբերի վրա, ինչպես Պարանայի կանաչ հարթավայրերում ենք տեսնում. ամեն երեկո նրանք թռչում էին դեպի ծովը։ Այս փաստերի հիման վրա ենթադրում եմ, որ մկրատակտուցը սովորաբար գիշերն է դուրս գալիս ձկնորսության, երբ բազմաթիվ մանր կենդանիներ առատորեն բարձրանում են մակերեսը։ Մր. Լեսոնը նշում է, որ նա տեսել է, թե ինչպես այս թռչունները բաց են անում Չիլիի ափերին ավազաթմբերում թաղված մակտրի պատյանները. նկատի ունենալով նրանց թույլ կտուցը, որի ներքևի ծնոտը բավականին էլ դուրս է ցցված, և նկատի ունենալով նրանց կարճ ոտքերն ու երկար թևերը, շատ անհավանական է, որ այս սովորությունն ընդհանուր լինի։

Պարանայով ներքև իջնելիս ես նկատեցի միայն երեք այլ թռչուն, որոնց սովորություններն արժանի են այստեղ հիշատակվելու։ Այդ թռչուններից մեկը մի փոքրիկ ալկիոն է (Ceryle Americana). նրա պոչն ավելի երկար է, քան եվրոպական տեսակներինը, ուստի և դիրքով հաստատուն և ուղիղ նստել չի կարող։ Նրա թռիչքն էլ նետի թռիչքի նման ուղիղ և արագ լինելու փոխարեն թույլ է և ալիքավոր, ինչպես այդ տեսնում ենք փափկակտուց թռչունների մոտ։ Նա հանում է շատ ցածր ձայն, որը նման է երկու քար իրար զարկելուց աոաիսցաձ ձայնին։ Երկրորդը մի փոքր կանաչ թութակ է (Conurus murinus) գորշ կրծքով։ Նա կղզու բոլոր վայրերից նախընտրում է կղզու վրա գտնվող բարձր ձառերը՝ իր բունը շինելու համար։ Բներն այնքան մոտիկ են գտնվում իրար, որ կազմում են ձողիկների մի մեծ կույտ։ Այս թութակները միշտ ապրում են երամներով և մեծ ավերածություններ են պատճառում հացահատիկների դաշտերին։ Ինձ պատմում էին, որ Կոլոնիայի մոտ մի տարում սպանել էին այս թութակներից 2500 հատ։ Երրորդը Բուենոս Այրեսի շրջակայքում շատ տարածված պատառաքաղանման և երկու երկար փետուրներով վերջավորվող պոչով մի թռչուն է (Tyrannus savana), որին սպանացիներն անվանում են մկրատապոչ։ Այս թռչունը սովորաբար նստում է օմբու ծառի մի ճյուղի վրա մի տան մոտ և այնտեղից մերթընդմերթ կարճ թռիչքներ է անում միջատների հետևից և վերադառնում միևնույն տեղը։ Թռիչքի ժամանակ նա իր շարժուձևով և ընդհանուր տեսքով ներկայացնում է սովորական ծիծեռնակի կարիկատուրան։ Նա կարող է օդում կատարել շատ կարճ դարձումներ, որի ժամանակ բացում և փակում է իր պոչը, երբեմն հորիզոնական կամ կողքի և երբեմն էլ ուղղաձիգ ուղղությամբ՝ մկրատի երկու թևերին խիստ նման։

Հոկտեմբերի 16.— Ռոսարիոյից մի քանի փարսախ ներքև Պարանայի արևմտյան ափը ներկայացնում է ուղղաձիգ գահավանդներ, որոնք երկարաձգվում են մինչև Սան Նիկոլաս և ավելի ներքև, այս պատճառով էլ նա շատ ավելի նման է ծովափի, քան անուշահամ ջրի գետափի։ Պարանայի տեսարանի համար մի մեծ պակասություն է նրա չափազանց տղմոտ ջուրը, որը հետևանք է նրա թմբերի փափուկ բնույթի։ Ուրուգվայի ջուրը, որը հոսում է գրանիտային դաշտերից, շատ ավելի վճիտ է և պարզ, քան Պարանայինը. և Պլատայի վերևում, որտեղ միանում են այս երկու գետերը, ջրերը մեծ հեռավորության վրա զանազանվում են իրենց սև և կարմիր գույներով։ Երեկոյան քամին բոլորովին նպաստավոր չլինելով՝ սովորականի պես իսկույն ևեթ խարիսխ գցեցինք. հաջորդ օրը բավականին ուժեղ էր փչում, բայց հոսանքը նպաստավոր էր. նավի տերը չափազանց վախկոտ էր և չէր համաձայնի մեկնելու։ Բախադայում նրան նկարագրում էին որպես „hombre muy aflicto” — մի մարդու, որի գործերը միշտ ձախողվում են. բայց իրականում նա այդ բոլոր հապաղումները տանում էր զարմանալի համբերությամբ։ Նա մի ծեր սպանացի էր և երկար ժամանակ էր, որ ապրում էր այս երկրում։ Նա խոստովանվում էր, որ ինքը շատ է սիրում անգլիացիներին, բայց միաժամանակ պնդում էր, որ Տրաֆալգարում անգլիացիների տարած հաղթությունը սպանացի նավապետների կաշառվածության շնորհիվ էր, և երկու կողմում էլ ոչ մեկի գործն իր արիությամբ և մեծությամբ չէր կարող հավասարվել սպանացի ծովակալի գործին։ Ինձ զարմացրեց այն բնորոշ գիծը, որ այս մարդը նախընտրում էր, որ իր հայրենակիցները համարվեին ամենաստոր դավաճաններ, քան թե երկչոտ կամ անճարակ։

Հոկտեմբերի 18 և 19.— Մենք դանդաղորեն շարունակեցինք նավարկել մեծ գետով ներքև. հոսանքը մեզ քիչ էր օգնում։ Ճանապարհին շատ քիչ նավերի հանդիպեցինք։ Այսպիսի մի մեծ գետային հաղորդակցության վայրում համառորեն մի կողմ է գցված բնության ամենալավ նվերներից մեկը — մի գետ, որից նավերը կարող էին նավարկել բարեխառն երկրից — որտեղ որոշ պրոդուկտներ զարմանալիորեն այնքան առատ պետք է լինեին, որքան աղքատ՝ այլ պրոդուկտներից — դեպի մի այլ երկիր, որն ունի արևադարձային կլիմա և այնպիսի հող, որ, ըստ մր. Բոնպլանի, իր արգավանդությամբ թերևս անգերազանցելի է աշխարհի որևէ մասի ձողից։ Քանի դեռ ապրում է Ֆրանսիան, որը Պարագվայի դիկտատորն է, այս երկու երկրները պետք է մնան անջատ, կարծեք թե գտնվում են երկրագնդի հակառակ կողմերում։ Իսկ երբ այդ արյունախանձ ծեր բռնակալը վերանա աշխարհից, Պարագվան կապրի բազմաթիվ ռևոլուցիաներ, որը նախընթաց անբնական խաղաղությունից ավելի վայրագ կլինի։ Այդ երկիրն սպանական ամերիկյան մյուս պետությունների նման պետք է իմանա, որ ոչ մի ռեսպուբլիկա չի կարող երկար տևել, մինչև նա չունենա մարդկանց մի խմբակ, որոնք տոգորված լինեն պատվո և արդարության սկզբունքներով։

Հոկտեմբերի 20.— Ժամանելով Պարանայի գետաբերանը, ես ափ դուրս եկա Լաս Կանչասում, որպեսզի այնտեղից ձիով ուղևորվեմ դեպի Բուենոս Այրես, որովհետև շատ էի անհանգստանում այնտեղ հասնելու համար։ Ցամաք դուրս գալիս, ի մեծ զարմանմս, պարզվեց, որ ես որոշ չափով բանտարկյալ էի։ Տեղի ունեցող մի ուժգին ռևոլուցիայի պատճառով բոլոր նավահանգիստները գտնվում էին հսկողության տակ, և նավային երթևեկությունն արգելված էր։ Ես չէի կարող վերադառնալ իմ նավը, իսկ ցամաքով ճանապարհվելու մասին խոսք լինել չէր կարող։ Այդտեղի պետի հետ երկար բանակցելուց հետո ինձ թույլատրվեց հաջորդ օրը գնալ գեներալ Ռոլորի մnտ, որը գլխավորում էր ապստամբների մի զորախումբ մայրաքաղաքի այս կողմում։ Առավոտյան գնացի բանակատեղին։ Գեներալը, սպաները և զինվորները բոլորն էլ արտաքնապես մեծ անզգամների տեսք ունեին, և կարծում եմ, որ իրոք .այդպիսի անձնավորություններ էին դրանք։ Գեներալը քաղաքից դուրս գալու երեկոյին ինքնակամ գնացել էր նահանգապետի մոտ և ձեռքը սրտին դնելով պատվո խոսք էր տվել նրանք որ ինքը գոնե մինչև վերջը մնալու էր հավատարիմ։ Գեներալն ինձ ասաց, որ քաղաքը գտնվում էր խիստ պաշարված վիճակում, և լավագույն դեպքում նա կարող էր տալ ինձ մի անցագիր՝ ուղղված Քիլմեսում գտնվող ապստամբների ընդհանուր հրամանատարին։

Որպեսզի մտնեինք Քիլմես, անհրաժեշտ եղավ բավականաչափ պտույտ գործել և շրջանցել քաղաքը։ Բանակատեղում ինձ շատ քաղաքավարի ընդունեցին, բայց ինձ ասացին, որ բոլորովին հնարավոր չէ թույլ տալ ինձ քաղաք. մանելու։ Այս բանն ինձ շատ էր մտահոգում, որովհետև իմ հաշվով «Բիգլ»-ը Ռիո Պլատայից ավելի շուտ պիտի եկած լիներ, քան իրականում այդ տեղի էլ ունեցել։ Երբ խոսակցության ժամանակ պատահմամբ հիշեցրի գեներալ Ռոսասի պարտավորիչ վերաբերմունքն իմ հանդեպ իմ՝ Կոլորադոյում եղած ժամանակ, կախարդական միջոցներն անգամ չէին կարող իրերի դրությունը փոխել այնպես արագ, ինչպես այդ կարճ խոսակցությունը։ Ինձ անմիջապես ասացին, որ թեև հնարավոր չէ ինձ անցագիր տալ, բայց եթե ես համաձայնեի թողնել իմ ուղեկցին և ձիերին, ինձ թույլ կտրվեր անցնել պաշարման շղթայից։ Ես մեծ ուրախությամբ ըն-

դունեցի այս առաջարկը. ինձ հետ մի սպա ուղարկեցին, որպեսզի թույլատրվեր ինձ կամուրջից անցնել։ Մի փարսախի չափ ճանապարհը կատարյալ ամայի էր։ Ես հանդիպեցի մի խումբ զինվորների, որոնք բավարարվեցին իմ մի հին անցագրով, և վերջապես ինձ փոքր ուրախություն չէր պատճառում քաղաքում գտնվելը։

Այս ռևոլուցիան հազիվ թե առաջացած լիներ որևէ լուրջ պատճառաբանությամբ, այլ այդ տեղի էր ունենում մի պետության մեջ, որտեղ ինն ամսվա ընթացքում (1820 թվի փետրվարից—հոկտեմբեր) տասնևհինգ կառավարող էր փոխվել։ Կոնստիտուցիայի համաձայն յուրաքանչյուր կառավարիչ ընտրվում էր երեք տարով — անիմաստ կլիներ որևէ պատճառաբանություն փնտրելը։Այս վերջին անգամ մի խումբ մարդիկ, որոնք կապ են ունենում Ռոսասի հետ, գզվում են նահանգապետ Բալկարսից և թվով յոթանասուն հոգի դուրս են գալիս քաղաքից և Ռոսասի անունից կոչ են անում, ու ամբողջ շրջանը զենք է վերցնում։ Ամբողջ քաղաքը շրջապատված էր, ոչ մի կենսամթերք, անասուն կամ ձի չէր մտնում քաղաքը, բացի այս, երբեմն առաջապահների մեջ տեղի էր ունենում բախում, և յուրաքանչյուր օր մարդիկ էին սպանվում։

Շրջապատողները շատ լավ գիտեին, որ կտրելով սննդանյութերի ներմուծումը քաղաք՝ անպայման իրենք կհաղթեին։ Գեներալ Ռոսասն այս մասին առաջուց չէր կարող իմացած լինել, բայց այդ թվում է թե բոլորովին համապատասխանում է իր պարտիայի ծրագրին։ Մի տարի հետո նա ընտրվեց նահանգապետ, բայց նա մերժեց նահանգապետ լինել մինչև պալատը նրան չտար արտակարգ իրավունքներ։ Այս պահանջը մերժվեց, և այն օրվանից սկսած մինչև այժմ նրա պարտիան ապացուցել է, որ ոչ մի այլ նահանգապետ նրան փոխարինել չի կարող։ Երկու կողմից էլ պատերազմը հայտնապես հետաձգված էր, մինչև պարզվեր Ռոսասի վերաբերմունքը։ Բուենոս Այրեսից դուրս գալուց մի քանի օր հետո մի տեղեկություն ստացվեց, ըստ որի գեներալը դժգոհ էր խաղաղությունը խանգարվելու համար, բայց գտնում էր, որ արդարությունը պաշարող պարտիայի կողմն է։ Սոսկ այս հայտարարության առթիվ նահանգապետը, մինիստրները և զինվորականների մի մասը, թվով մի քանի հարյուր մարդ, անմիջապես փախչում են քաղաքից։ Ապստամբները մտնելով քաղաք՝ ընտրում են նոր նահանգապետ, և իրենց ծառայության համար 5500 մարդ պարգևատրվում են։ Այս բոլորից հետո պարզ էր, որ Ռոսասը վերջնականապես դառնալու էր դիկտատոր։ Այստեղ, ինչպես և այլ ռեսպուբլիկաներում, ժողովուրդն առանձին ատելություն ունի թագավոր տիտղոսի նկատմամբ։ Հարավային Ամերիկայից դուրս գալուց հետո իմացանք, որ Ռոսասն ընտրվել է առանձին իրավունքներով և այնպիսի ժամանակով, որ չի համապատասխանում ռեսպուբլիկայի կոնստիտուցիային։


ՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԲԱՆԴԱ ՈՐԻԵՆՏԱԼ ԵՎ ՊԱՏԱԳՈՆԻԱ

Ուղևորություն դեպի Կոլոնիա դել Սակրամիենտո.— Մի ֆերմայի արժեքը.— Խոշոր եղջերավոր անասունների հաշվելու եղանակը.— Եզների զարմանալի ցեղ.— Ծակոտկեն խճեր.— Հովիվ շներ.— Ձիերի վարժեցում.— Գաուչոները որպես ձիավորներ.— Բնակիչների սովորությունները.— Ռիո Պլատա.— Թիթեռնիկների խմբեր.— Օդանավորդ սարդեր.— Ծովի ֆոսֆորէսցենցիան.— Պորտ Դեզիրեն.— Գուանակո.— Պորտ Սեն Խուլիան.— Պատագոնիայի երկրաբանությունը.— Բրածո հսկա կենդանիների մնացորդներ.— Ամերիկայի կենդանական աշխարհի փոփոխությունները.— Անհետացման պատճառները։

Մոտ երկու շաբաթ քաղաքում հապաղելուց հետո չափազանց ուրախ էի, որ ինձ հաջողվել էր փախչել դեպի պոստատար մի նավ, որը գնում էր Մոնտեվիդեո։

Պաշարված վիճակում գտնվող քաղաքում ապրելը միշտ անհաճո է լինում, իսկ այս դեպքում ավելանում էր նաև ներսում գտնվող ավազակների կողմից մշտական վտանգը։ Ամենից սոսկալին պահակներն էին, որովհետև օգտվելով իրենց պաշտոնական դիրքից և զինվածությունից՝ սրանք այնպես համարձակ և լիազորված էին կողոպտում, որ մյուս ավա

զակները նման կողոպուտ չէին կարող անել։

Մեր ճանապարհը շատ երկար էր և ձանձրալի։ Քարտեզի վրա Պլատան ունի հոյակապ գետաբերանի տեսք, բայց իրականում նա շատ անհրապույր է։ Այդ տղմոտ ջրի ընդարձակ տարածությունը ոչ վեհություն ունի, ոչ գեղեցկություն։ Օրվա ընթացքում միայն մի անգամ նավի վրայից հազիվ կարելի էր նկատել երկու ափերը միասին, որոնք չափազանց ցածր են։ Մոնտեվիդեո հասնելիս պարզվեց, որ «Բիգլ»-ը որոշ ժամանակով մնալու էր, ուստի ես պատրաստվեցի Բանդա Օրիենտալի այս մասում մի կարճ ճանապարհորդություն կատարելու։ Այն ամենը, ինչ որ ասել եմ Մալդոնադոյին մոտիկ գտնվող երկրի մասին, կարելի է վերագրել նաև այս երկրին. բայց այս երկիրը՝ բացառությամբ Կանաչ Սարի, որի բարձրությունը 450 ոտնաչափ է, և որի անունով կոչվում է այդ շրջանը, անհամեմատ ավելի հարթ է, քան Մալդոնադոն։ Կանաչով ծածկված ալիքավոր բլուրներ քիչ են պատահում։ Սակայն քաղաքի մոտերքում կան մի քանի բարձունքներ՝ ադավենիներով, կակտուսներով և սամիթով ծածկված։

Նոյեմբերի 14.— Մոնտեվիդեոյից դուրս եկանք կեսօրից հետո։ Ես մտադիր էի շարժվել Կոլոնիո դել Սակրամիենտոյի ուղղությամբ, որը գտնվում է Պլատայի հյուսիսային ափին, Բուենոս Այրեսի դիմացը. այնտեղից Ուրուգվայի ընթտցքով գնալու էինք Մերսեդես գյուղը, Ռիո Նեգրո գետի վրա (այս անունով Հարավային Ամերիկայում կան բազմաթիվ գետեր, որոնցից մեկն այս գետն է) և այդտեղից ուղիղ գծով վերադառնալու էինք Մոնտեվիդեո։ Գիշերը քնեցինք Կանելանեսում՝ իմ ուղեկցի տանը։ Առավոտյան վեր կացանք շատ վաղ՝ հույս ունենալով անցնել մի զգալի տարածություն. բայց մեր հույսերն ի դերև անցան, որովհետև բոլոր գետերը հեղեղվել էին։ Կանելոնես, Սանտա Լուսիա և Սան Խոսե գետերն անցանք նավակներով, ուստի և բավականին ժամանակ կորցրինք։ Նախկին մի ճանապարհորդության ժամանակ Լուսիա գետն անցա իր գետաբերանի մոտից, և ես շատ զարմացած էի տեսնելով, թե ինչպիսի հեշտությամբ մեր ձիերը, չնայած իրենց անվարժության, լողալով անցան ավելի քան վեց հարյուր կանգուն լայնությունից։ Այս բանը Մոնտեվիդեոյում պատմելիս ինձ ասացին, որ մի նավ, որի մեջ լինում են մի քանի լարախաղացներ իրենց ձիերով, խորտակվում է Պլատայում, մի ձի լողալով յոթը մղոն՝ հասնում է ափ։ Այդ օրը ես ուրախությամբ դիտում էի մի գաուչոյի Ճարպկությունները, որոնցով նա ստիպում էր մի համառ ձիու լողալով անցնել գետը։ Նա շորերը հանեց և թռչելով ձիու կռնակը՝ քշեց նրան ջրի խոր տեղերը, մինչև ձիու ոտները գետնից բոլորովին կտրվեցին, այնուհետև սահելով ձիուց ներքև՝ բռնեց պոչից։ Երբ ձին շուռ էր գալիս, մարդը վախեցնում էր նրան և ետ դարձնում գլխի վրա ջուր ցայտեցնելով։ Հենց որ ձիու ոտքերը գետի մյուս կողմում հատակին դիպան, մարդը նորից թռավ նրա կռնակին և, սանձը ձեռին ամուր բռնած, չէր թողնում ձիուն, որ ափ դուրս գա։ Մերկ մարդը մերկ ձիու վրա ներկայացնում է մի գեղեցիկ տեսարան։ Ես չէի երևակայում, թե ինչպես այդ երկու կենդանիներն իրար այդքան համապատասխանում են։ Ձիու պոչը երբեմն շատ օգտակար հավելված է։ Մի անգամ չորս մարդու հետ գետն էի անցնում մի նավով, որը քաշում էր ձին իր պոչով։ Եթե մարդը և ձին մի լայն գետ են անցնում, մարդու համար ամենահարմարը մի ձեռքով թամբագնդից կամ բաշից բռնելն է, իսկ մյուս ձեռքով կարող է ղեկավարել իրեն։

Հաջորդ օրը մնացինք Կուֆր պոստում, որտեղ գիշերել էինք։ Երեկոյան եկավ նամակատարը։ Ռիո Ռոսարիոյի հեղեղման պատճառով նա մի օրով ուշացել էր։ Նրա այդ ուշացումն այնքան էլ մեծ դժբախտություն չէր, որովհետև չնայած նա անցել էր Բանդա Օրիենտալի մի քանի գլխավոր քաղաքներով, այնուամենայնիվ նրա պայուսակում միայն երկու նամակ կար։ Այդ տան առջև բացվում էր մի ալիքավոր կանաչ, հաճելի տեսարան, հեռվում երևում էր Լա Պլատան։ Այժմ այդ շրջանի վրա ես այնպիսի աչքերով եմ նայում, որ իմ դիտողությունները բոլորովին տարբերվում են առաջին անգամ այնտեղ ժամանելու դիտողություններից։ Ես հիշում եմ, որ ես այն ժամանակ այդ շրջանը համարում էի կատարյալ հարթ, բայց այժմ անցնելով պամպասով՝ ինձ համար չափազանց զարմանալի է, թև ինչ նկատառումով էի ես այն հարթ անվանում։ Այդ շրջանը ներկայացնում է ալիքավորումների մի շարք, որոնք առանձին վերցրած թեև բացարձակ մեծ չեն, բայց երբ համեմատելու լինենք Սանտա Ֆեի հարթավայրերի հետ, իրական սարեր են։ Այս փոքր անհարթությունների շնորհիվ գոյություն ունեն բազմաթիվ փոքրիկ գետակներ, իսկ գետինը ծածկված է փարթամ բուսականությամբ։

Նոյեմբերի 17.— Անցանք Ռոսարիոն, որը խոր էր և սրընթաց, և անցնելով Կոլլա գյուղը կեսօրին հասանք Կոլոնիա դել Սակրամիենտո։ Այդ տարածությունը քսան փարսախ է. թեև այդ շրջանը ծածկված է ընտիր կանաչ խոտով, բայց բնակչությամբ և անասունների քանակով աղքատ է։ Ինձ հրավիրեցին գիշերելու Կոլոնիայում և հաջորդ օրը մի պարոնի ձետ գնալու իր ֆիրման, որտեղ կային կրաքարի ապառներ։ Քաղաքը շինված է մի քարոտ հրվանդանի վրա գրեթե այնպես, ինչպես Մոնտեվիդեոն։ Նա շատ լավ ամրացված է, բայց և՛ քաղաքը, և՛ ամրությունները բրազիլիական պատերազմներին ենթարկվել են ավերումների։ Նա շատ հին քաղաք է, և՛ .փողոցների անկանոնությունը, և՛ շրջապատի նարնջի և դեղձի ծառերից կազմված պուրակները նրան գեղեցիկ տեսք էին տվել։ Եկեղեցին ներկայացնում է մի հետաքրքրական ավերակ, նա եղել է վառոդի պահեստ և Ռիո Պլատայի տասնյակ հազարավոր որոտներից մեկի կայծակը խփել էր այս եկեղեցուն։ Շենքի երկու երրորդ մասը հիմքից ցիրուցան էր եղել, իսկ մնացածը կանգնած է որպես վառոդի և կայծակի միացյալ ուժերից խորտակված շենքի հետաքրքրական հուշարձան։ Երեկոյան ես թափառում էի քաղաքի կիսակործան պատերի տակ։ Այդ քաղաքը եղել էր բրազիլիական պատերազմի գլխավոր վայրը,— մի պատերազմ, որը վերին աստիճանի վնասակար հետևանքներ էր թողել այդ երկրում. այդ չարիքները ոչ միայն անմիջական ավերումներն էին, այլ նաև պատերազմի շնորհիվ բազմաթիվ գեներալների և այլ կարգի սպաների առաջանալն էր։

Թվով ավելի շատ գեներալներ կան (բայց անվճար) Լաս Պլատայի միացյալ գավառներում, քան Մեծ Բրիտանիայի միացյալ թագավորության մեջ։ Այս մարդիկ սովորել են իշխել և երբեք չեն խուսափում ընդհարումներից։ Բազմաթիվ մարդիկ կան, որոնք հարմար առիթներ փնտրում են խռովություններ առաջացնելու և տապալելու մի կառավարություն, որը երբեք կայուն հիմքերի վրա դրված չի եղել։ Այնուամենայնիվ և՛ այստեղ, և՛ այլ տեղեր ես նկատեցի մի ընդհանուր հետաքրքրություն դեպի նահանգական ընտրությունները, և այս լավ նշան է այս փոքրիկ երկրի բարգավաճման համար։ Բնակիչներն իրենց ներկայացուցիչներից մեծ կրթություն չեն պահանջում. ես լսեցի մի անգամ մի քանի մարդկանց խոսակցությունը, որը վերաբերում էր Կոլոնիայի մարդկանց արժանիքներին։ Մեկն ասում էր, որ «թեև նրանք գործարար մարդիկ չէին, բայց բոլորն էլ կարող էին ստորագրել իրենց անունները»։ Նրանց թվում էր, թե յուրաքանչյուր դատող մարդ դրանով էլ պետք է բավարարվի։

Նոյեմբերի 18.— Իմ հյուրընկալի հետ ես ուղևորվեցի նրա կալվածը, որը գտնվում էր Արսիո դե Սան Խուանում։ Երեկոյան ձիերով շրջագայեցինք կալվածի շուրջը. նա ուներ երկու և կես քառակուսի փարսախ տարածություն և գտնվում էր այնպիսի մի վայրում, որն այստեղ անվանում են ռինկոն։ Ռինկոնը մեկ կողմից պաշտպանված էր Պլատայով, իսկ մյուս երկու կողմերից հոսում էին անանցանելի առուներ։ Այնտեղ կար մի հրաշալի նավահանգիստ փոքր նավերի համար և բազմաթիվ ծառեր, որոնք չափազանց կարևոր են Բուենոս Այրեսին վառելանյnւթ մատակարարելու համար։ Ես հետաքրքրվում էի իմանալու այդպիսի լրիվ կալվածի արժեքը։ Այդ կալվածում կար 3000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, իսկ այդ տարածության վրա շատ հանգիստ կարելի էր պահել թվով երեք-չորս անգամ ավելի շատ անասուններ. բացի այդ, կար 800 ձի, որից 150-ը քաշող ձիեր էին, և 600 ոչխար։ Կար առատ քանակությամբ ջուր և կրաքար. մի կոշտ, բայց ամուր տուն, հիանալի կորալներ և դեղձի այգի։ Այդ բոլորի համար նրան առաջարկել էին 2000 ֆունտ ստերլինգ, իսկ ինքը պահան-

ջել էր 500 ավելի, հավանորեն նա դեռ ավելի էժան կծախեր։ Գլխավոր հոգսը կալվածում անասունները շաբաթական երկու անգամ մի որոշակի տեղ քշելն է. այդ արվում է նրանց ընտելացնելու և հաշվելու նպատակով։ Այս վերջին գործողությունը թվում է թե բավականին դժվար է, մանավանդ որ տեղում լինում են տասից տասնևհինգ հազար անասուններ։ Այդ բանը կատարվում է այն սկզբունքի հիման վրա, որ այդ անասուններն անփոփոխելիորեն բաժանվում են փոքր նախիրների՝ քառասունից մինչև հարյուր կենդանիներից կազմված։ Յուրաքանչյուր նախիր ճանաչվում է իր մի քանի նշանավոր կենդանիներից, և այդպիսով իմացվում է նրանց թիվը, այնպես որ եթե տասը հազարից մի քանիսը կորչեն, նրանց բացակայությունն անմիջապես կնկատվի այդ նշանավոր կենդանիներից մեկն ու մեկի կորստից։ Փոթորկալից գիշերներին այս անասունները կատարյալ կերպով խառնվում են իրար, բայց հաջորդ առավոտը խմբերի ղեկավարները կենդանիները բաժանում և հավաքում են իրենց խմբի կենդանիներին, այնպես որ տասնյակ հագարների մեջ այս կենդանիները պետք է ճանաչեն իրար։

Երկու անգամ ես այդ գավառում հանդիպեցի շատ տարօրինակ ցեղի եզների, որոնց, անվանում էին նատա կամ նիատա։ Նրանք արտաքին տեսքով գրեթե այն հարաբերությունն ունեն մյուս եզների նկատմամբ, ինչ որ բուլդոգը կամ թավ շնիկն ունի այլ շների նկատմամբ։ Նրանց ճակատը շատ կարճ է և լայն, քթային վերջավորությունը՝ վեր դարձրած, իսկ վերին շրթունքը բավականին ետ քաշված. նրանց ներքևի ծնոտը վերինից ավելի առաջ է ցցված և համապատասխանաբար վերևում կորացած. այս պատճառով էլ նրանց ատամները միշտ բաց են։ Նրանց ռունգները գտնվում են բավականին վերև և չափազանց բաց են, աչքերը դուրս են ցցված։ Քայլելիս նրանք իրենց գլուխը ցած են պահում, ունեն կարճ վիզ և հետևի ոտներն առաջինների հետ համեմատած ավելի երկար են, քան սովորաբար այլ եզներինը։ Նրանց բաց ատամները, կարճ գլուխները, վեր շրջած ռունգները նրանց ավել էին ծիծաղելի ինքնավստահ և ծայր աստիճան ամբարտավան արտահայտություն։

Իմ վերադարձից հետո ինձ հաջողվեց իմ բարեկամ նավապետ Սելիվանի միջոցով ձեռք բերել այդ եզներից մեկի գանգը, որն այժմ գտնվում է Վիրահատների կոլեջում։[92] Լուքսանցի դոն Ֆ. Մունիցը բարեսրտաբար ինձ համար հավաքել է բոլոր հնարավոր տեղեկություններն այս ցեղի վերաբերյալ. համաձայն այդ տեղեկությունների՝ մոտ ութսուն կամ իննսուն տարի առաջ այդ կենդանիները շատ սակավ են եղել և պահվել են Բուենոս Այրեսում որպես հետաքրքրական կենդանիներ։ Բոլորն էլ ընդունում են, որ այս ցեղի բուծումն սկսվել է հնդիկների, մոտ, Պլատայից հարավ, և նրանց մոտ նա եղել է ամենատարածվածը։ Մինչև անգամ այժմ Պլատայի մոտերքը գտնվող շրջաններում բուծվող այս կենդանիներն արտահայտում են իրենց կիսավայրենի ծագումը. նրանք ավելի կատաղի են, քան մյուս խոշոր եղջերավոր անասունները, և նրանց կովը հեշտությամբ լքում է իր առաջին հորթը, եթե վերջինս հաճախ է նրա մոտ գալիս կամ նեղում։ Հետաքրքրականն այն է, որ նիատա ցեղի մի աննորմալ[93] տեսակին գրեթե նման կառուցվածքով մի տեսակ հիշեցնում է (ինչպես ինձ դոկտոր Ֆալկոներն է ասում) Հնդկաստանի անհետացած մեծ որոճացող կենդանուն՝ սիվաթերիումին։ Նիատայի բուծումը շատ կայուն է. նիատա ցուլի և կովի սերունդը միշտ նիատա հորթ է լինում։ Նիատայի ցուլը հասարակ կովի հետ խաչաձևելիս, կամ հակառակն անելիս ծնված հորթերն ունենում են միջանկյալ հատկանիշներ, բայց նիատայի հատկանիշներն այնուամենայնիվ ավելի ուժեղ են հանդես գալիս։ Սենյոր Մունիսը, հակառակ գյուղատնտեսների ընդհանուր կարծիքի, ասում է, թե կան շատ պարզ ապացույցներ, որ երբ նիատա կովի և հասարակ ցուլի խաչաձևում է կատարվում, նիատայի հատկանիշները հորթին ավելի ուժեղ են փոխանցվում, քան այդ լինում է նիատա ցուլը հասարակ կովի հետ խաչաձևելիս։

Երբ արոտատեղում խոտը պետք եղածին չափ երկար է, նիատան այնպես հաջող է արածում լեզվով և քիմքով, ինչպես սովորական խոշոր եղջերավոր անասունները, բայց մեծ երաշտների ժամանակ, երբ ոչնչանում են մեծ թվով կենդանիներ, նիատան կանդնում է մեծ դժվարությունների առջև, և այդպիսի դեպքերում նա ամբողջովին կվերանար, եթե նրա մասին առանձին հոգ չտարվեր։ Ինչ վերաբերում է հասարակ խոշոր եղջերավոր անասուններին, նրանք ձիերի նման կարող են իրենց գոյությունը պահպանել շրթունքներով եղեգներից և ծառերի ճյուղերից հայթայթելով, այս բանը նիատաները նրանց չափ հաջող չեն կարող անել, որովհետև նրանց շրթունքները չեն միանում։ Այդ է պատճառը, որ նրանք ավելի շատ են ոչնչանում, քան սովորական խոշոր եղջերավորները։ Այս մի շատ լավ օրինակ է՝ պարզելու, թե որչափ մենք քիչ ենք ի վիճակի դատելու մի տեսակի սակավության կամ անհետացման պատճառները որոշելիս, երբ նկատի ենք ունենում կյանքի ընդհանուր սովորությունները և այն պարագաները, որոնք պատահում են երկար ընդմիջումներով միայն։

Նոյեմբերի 19.— Անցնելով Լաս Վակաս հովիտը՝ գիշերը քնեցինք մի հյուսիսային ամերիկացու տանը. այդ մարդը զբաղվում էր Արոիո դե Լաս Վիվորասում կիր պատրաստելով։ Առավոտյան այցելեցինք գետափին գտնվող մի երկարաձգված հրվանդան, որը կոչվում էր Պանտա Գորդա։ Ճանապարհին աշխատեցինք մի յագուար գտնել։ Սի քանի տեղ նկատեցինք թարմ հետքեր և գնացինք դեպի այն ծառերը, որոնց վրա, ըստ պատմածի, նրանք սրում են իրենց ճիրանները, բայց մեզ չհաջողվեց հանդիպել և ոչ մի յագուարի։ Այստեղից սկսած Ռիո Ուրուգվայը մեր առջև բացվում էր որպես մի հոյակապ գետ։ Իր վճիտ ու հստակ ջրով և հոսանքի արագությամբ նա անհամեմատ ավելի վեհ տպավորություն է թողնում, քան իր հարևան Պարանան։ Մյուս ափին այս վերջին գետից մի քանի վտակ մտնում են Ուրուգվայ գետը։ Արևի լույսի տակ հնարավոր էր պարզ կերպով տարբերել ջրի երկու գույները։

Երեկոյան շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Մերսեդես, որը գտնվում է Ռիո Նեգրոյի վրա։ Երեկոյան եկանք մի պատահական ֆերմա և գիշերելու մի տեղ խնդրեցինք։ Այդ մի վերին աստիճանի ընդարձակ կալվածք էր, որը կազմում էր մոտ տասը քառակուսի փարսախ տարածություն. նրա տերն այդ երկրի ամենամեծ կալվածատերերից մեկն է։ Կալվածը կառավարում էր նրա եղբորորդին, որի մոտ այդ ժամանակ գտնվում էր որպես հյուր բանակի կապիտաններից մեկը, որը մի քանի օր առաջ փախել էր Բուենոս Այրեսից։ Այս հանգամանքը դրույթն ավելի հետաքրքրական էր դարձնում։ Նրանք արտահայտում էին իրենց անսահման զարմանքը երկրագնդի կլորության մասին և հազիվ թե կարողանային հավատալ, որ եթե հնարավոր լիներ բավականին խորը փոս փորել, վերջիվերջո այդ փոսը դուրս կգար երկրի մյուս կողմը։ Նրանք լսել էին մի երկրի մասին, որտեղ վեց ամիս գիշեր է լինում, վեց ամիս ցերեկ, և որտեղ բնակիչները շատ բարձրահասակ են և բարակ։ Նրանք մեծ հետաքրքրությամբ հարցնում էին Անգլիայում ձիերի և խոշոր եղջերավոր անասունների գնի և վիճակի մասին։ Երբ իմացան, որ մենք մեր կենդանիներին լասոյով չենք բռնում, բացագանչեցին. «Ո՜, ուրեմն դուք բացի բոլայից ուրիշ ոչ մի բան չեք գործածում»։ Սահմանափակ երկրի գաղափարը բոլորովին նոր էր նրանց համար։ Վերջիվերջո կապիտանն ասաց, որ մի հարց ունի ինձ տալու, որի համար շուտ երախտապարտ կմնար, եթե ես պատասխանեի նրան ամբողջ ճշմարտությամբ։ Ես դողում էի մտածելով, թե ինչպիսի խորը գիտական հարց կարող է լինել այդ։ Այդ հարցը հետևյալն էր. «Արդյոք Բուենոս Այրեսի կանայք աշխարհում ամենագեղեցիկները չե՞ն»։ Ես խորամանկորեն պատասխանեցի, որ այդ միանգամայն այդպես է։ «Մի ուրիշ հարց էլ ունեմ»,— շարունակեց նա,— «աշխարհի որևէ այլ մասում կանայք կրո՞ւմ են նման մեծ սանրեր»։ Ես լուրջ կերպով վստահացրի նրան, որ ոչ մի տեղ այդպիսի սանրեր չեն կրում։ Այդ նրանց մեծ ուրախություն պատճառեց։ Ապա կապիտանը բացագանչեց, «Նայեցե՜ք, թե ինչ է ասում մի մարդ, որը տեսել է աշխարհի կեսը. մենք միշտ այդպես էինք մտածում, բայց այժմ այդ արդեն գիտենք»։ Իմ վսեմ դատողությունները գեղեցկության և սանրի մասին ինձ համար ապահովեցին մի վերին աստիճանի հյուրասեր ընդունելություն. կապիտանն ստիպեց ինձ քնել իր մահճում, իսկ ինքը պիտի քներ իր ռեկադոյի (պամպասներում գործածվող թամբ) վրա։

Նոյեմբերի 21.— Առավոտյան արևածագին ճանապարհ ընկանք և ամբողջ օրը ձիերով դանդաղորեն շարունակեցինք մեր ճանապարհը։ Գավառի այս մասի երկրաբանական բնույթը տարբերվում էր մյուս մասերից և չափազանց նման էր պամպասների երկրաբանությանը։ Հետևաբար ընդարձակ տարածություններ ծածկված էին ուղտափշով և կանգարով. կարելի է ամբողջ երկիրն անվանել այս բույսերի մի մեծ դաշտ։ Այդ երկու տեսակներն առանձին են աճում, յուրաքանչյուր բույս աճում է իր տեսակի բույսերի մեջ։ Կանգարն այնքան փարթամ է աճում, որ բարձրությունը հասնում է ձիու կռնակին, իսկ պամպասի ուղտափուշն ավելի բարձր է լինում, քան ձիավորի գլուխը։ Չպետք է մտածել, որ հնարավոր է ճանապարհից մի կանգունի չափ դուրս գալ, իսկ ճանապարհը տեղ-տեղ մասամբ ե որոշ տեղերում էլ ամբողջովին փակված է այս բույսով։ Իհարկե, այս արոտատեղ լինել բոլորովին չի կարող. եթե երբևէ մի կով կամ ձի մտնի սրանց մեջ, ամբողջովին կկորչի։ Դրա համար էլ տարվա այդ եղանակին չափազանց դժվար է և վտանգավոր այս տեղերով անասուններ քշելը, որովհետև երբ նրանց քշելով հոգնեցնում են, և երբ նրանք տեսնում են ուղտափշերին, վազում են սրանց մեջ և այլևս չեն երևում։ Այս շրջաններում շատ քիչ ֆերմաներ կան, և եղածներն էլ գտնվում են մոտակա խոնավ հովիտներում, որտեղ բարեբախտաբար այս խեղդող բույսերից ոչ մեկը չի կարող աճել։ Որովհետև արդեն մութն ընկել էր՝ նախքան մեր ճանապարհը կվերջանար, գիշերելու համար իջանք մի խղճուկ փոքրիկ տնակ, որտեղ ապրում էր մի վերին աստիճանի աղքատ ընտանիք։ Մեր հյուրընկալի և հյուրընկալուհու ծայրահեղ քաղաքավարությունը, որը մեծ մասամբ ձևական էր, չափազանց հաճելի էր, երբ նկատի էինք ունենում նրանց աղքատ վիճակը։

Նոյեմբերի 22.— Ժամանեցինք Բերկելոյում գտնվող մի ֆերմա, որը պատկանում էր մի հյուրասեր անգլիացու. իմ ընկեր՝ մր. Լըմբն ինձ մի հանձնարարական նամակ էր տվել նրան հանձնելու համար։ Այստեղ ես մնացի երեք օը։ Մի առավոտ հյուրընկալիս հետ ձիերով մեկնեցինք Սիերա դել Պեդրո Ֆլակո, որը գտնվում է Ռիո Նեգրոյից քսան մղոն վերև, գրեթե ամբողջ գետինը ծածկված էր փարթամ, բայց կոշտ բուսականությամբ. խոտի բարձրությունը հասնում էր մինչև ձիու փորը. չնայած դրան՝ քառակուսի փարսախներով տարածությունների վրա և ոչ մի արածող անասուն չէր երևում։ Բանդա Օրիենտալի գավառը լավ օգտագործելու դեպքում՝ այնտեղ կարելի է պահել չափազանց մեծ թվով կենդանիներ։ Ներկայումս Մոնտեվիդեոյից մորթու արտահանումը տարեկան հասնում է երեք հարյուր հազարի. տնային սպառումը և փչացումները նույնպես հասնում են զգալի չափերի։ Մի կալվածատեր ինձ պատմում էր, որ երբեմն ինքը հեռվում գտնվող աղ արդյունաբերող մի հիմնարկության է ուղարկում խոշոր եղջերավոր անասունների մեծ նախիրներ, և հաճախ այդ կենդանիները քշողներն ստիպված են լինում մորթել և մաշկել քայլելու անկարող հոգնած անասուններին, բայց գաուչոները երբեք չեն համաձայնում այդ ուժասպառ եղած անասունների միսն ուտելու, և յուրաքանչյուր երեկո նրանց ընթրիքի համար մորթում են թարմ կենդանի։ Այս գավառում իմ տեսած տեսարաններից ամենագեղեցիկը Սիերայից երևացող Ռիո Նեգրոն էր։ Այդ լայն, խոր և սրընթաց գետը պտույտ է տալիս մի ժայռոտ գահավեժ գահավանդի տակին, գետի ընթացքով տարածված են անտառների նեղ շերտեր, իսկ հորիզոնը վերջանում է հեռվում ալիքավոր կանաչ դաշտերի վրա։

Այդ տեղերում եղած ժամանակ ինձ մի քանի անգամ ասացին Սիերա դե Լաս Կուենտասի մասին, այդ մի բլուր է, որը գտնվում է մի քանի մղոն հյուսիս։ Այդ անունը նշանակում է հուլունքների բլուր։ Ինձ հավատացնում էին, որ այնտեղ կան մեծ քանակությամբ տարբեր գույնի փոքր կլոր քարեր, որոնցից յուրաքանչյուրի վրա կա մի փոքր գլանաձև անցք։ Առաջ հնդիկներն այդ քարերը հավաքել են մանյակներ և ապարանջաններ պատրաստելու համար — մի ճաշակ, որն ընդհանուր է և բոլոր վայրենի ազգերին, ինչպես և ամենակուլտուրական ժողովուրդներին։ Ես չգիտեի, թե ի՛նչ է նշանակում այդ պատմությունը, բայց երբ դրա մասին Բարեհուսո Հրվանդանում պատմեցի դոկտոր Անդրյու Սմիթին, նա ասաց, որ ինքը հիշում է հարավ-արևելյան Աֆրիկայի ափին Սեն Ջոն գետից հարյուր մղոն արևելք կվարցի բյուրեղներ՝ ծովեզրյա խճերի հետ խառն, որոնց եզրերը մաշված են եղել շփումից։ Յուրաքանչյուր բյուրեղ ունեցել է հինգ գծաչափ տրամագիծ և մեկից մինչև մեկ և կես մատնաչափ երկարություն։ Նրանցից շատերն ունեցել են նեղ անցքեր, որոնք անցել են մի ծայրից մյուսը. այդ անցքերը եղել են կատարյալ գլանաձև, և այնքան մեծ, որ հեշտությամբ հնարավոր լինի անցկացնել կոշտ թել կամ բարակ քար։ Նրանց գույնը եղել է կարմիր կամ կեղտոտ սպիտակ։ Տեղացինեըը ծանոթ են եղել բյուրեղների այս ստրուկտուրային։ Ես այս մանրամասնությունները հիշատակեցի այն նկատառումով, որ թեև ներկայումս հայտնի չէ չբյուրեղացող նյութի այս ձևն ստանալը, հետագա ճանապարհորդը հետազոտի նման քարերի իրական բնույթը։

Այս ֆերմայում գտնված ժամանակ ինձ շատ էին հետաքրքրում այդ շրջանի հովվական շների մասին իմ լսած պատմությունները և անձամբ տեսածներս։[94] Այդ վայրից ձիով անցնելիս շատ սովորական է ոչխարների մեծ հոտերի հանդիպելը, որոնց հսկում են մեկ կամ երկու շուն՝ բնակարաններից կամ մարդկանցից մի քանի մղոն հեռու։ Հաճախ ես զարմանում էի, թե ինչպես էր հաստատվել այդ բարեկամական ամուր կապը շների և ոչխարների միջև։ Այդ շների վարժեցումը տարվում է հետևյալ եղանակով. երբ շունը ձագեր է բերում, նրա լակոտները շատ վաղ բաժանում են մորից և վարժեցնում նրան իր ապագա ընկերակիցների հետ։ Շնիկն օրական երեքից չորս անգամ ծծում է մայր ոչխարից, և բացի դրանից փարախում պատրաստում են նրա համար ոչխարի բրդից մի բուն, երբեք չեն թույլ տալիս նրան խաղալու այլ շների կամ տիրոջ երեխաների հետ։ Բացի այդ, ընդհանրապես վարժեցվող շնիկին ամորձատում են, որպեսզի մեծանալիս իր տեսակի հետ ոչ մի ընդհանուր զգացում չունենա։ Այս կրթությունից հետո նա այլևս ցանկություն չի ունենա ոչխարի հոտը թողնելու, և ինչպես որ մի այլ շուն պաշտպանում է իր տիրոջը՝ մարդուն, այնպես էլ սրանք պաշտպանում են ոչխարներին։ Հոտին մոտենալիս հետաքրքրական է տեսնել, թե ի՛նչպես շունն անմիջապես առաջ է գալիս հաջելով, իսկ ոչխարները բոլորը հավաքվում են նրա հետևը. կարծեք թե ամենածեր խոյի չորս կողմն են հավաքվել։ Այս շներին հեշտությամբ սովորեցնում են նաև հոտը տուն բերել, այն էլ երեկոյան որոշ ժամերին։ Նրանց ամենաձանձրացուցիչ պակասությունն իրենց փոքր ժամանակ ոչխարների հետ խաղալու ցանկությունն է. խաղի ժամանակ նրանք երբեմն ամենաանգութ կերպով հալածում են իրենց խեղճ հպատակներին։

Ամեն օր հովիվ շունը գալիս է տուն միս ստանալու համար, և հենց որ նրան տալիս են իր պահանջածը, նա հեռանում կորչում է, կարծեք թե ինքն իրենից ամաչում է։ Այս դեպքերում տնային շները վերին աստիճանի բռնակալ վերաբերմունք են ցույց տալիս նրան, և նրանցից ամեփափոքրերը հարձակվում են այդ օտարականի վրա և հալածում նրան։ Սակայն հենց որ վերջինս հասնում է հոտին, շուռ է գալիս և սկսում հաջել, որից հետո բոլոր տնային շները փախչում են դեպի տուն։ Միևնույն ձևով հազիվ թև վայրի շների սոված ոհմակները համարձակվեն (ինձ ասում էին, որ երբեք չեն համարձակվի) հարձակվել մի հոտի վրա, որի պահապանն այսպիսի մի «հավատարիմ հովիվ» է։ Այս բոլորն ինձ համար շատ հետաքրքրական օրինակներ էին շան նվիրվածության և հավատարմության վերաբերյալ. միևնույն ժամանակ այդ կենդանին, վայրի կամ լավ վարժեցրած, հարգանք կամ ահ է զգում դեպի այն կենդանիները, որոնք նրա մեջ առաջացնում են ընկերակցության բնազդը։ Ոչ մի կերպ չի կարելի բացատրել, թե ինչն է պատճառը, որ վայրի շները հալածվում են հոտի հետ եղող մի շան կողմից, հավանորեն երբ նրանք տեսնում են մի շան ընկերակցած ոչխարների հետ, շփոթվելով կարծում են, որ նա այս միացումից ուժ է ստանում, որպես թե իր նմանների հետ եղած լինի։

Ֆ. Կյուվյեն նկատել է, որ բոլոր այն կենդանիները, որոնք հեշտությամբ են ընտելացվում, մարդուն նկատում են որպես իրենց ընկերության անդամ և այսպիսով բավարարում են իրենց ընկերակցության բնազդը։ Վերոհիշյալ դեպքում հովիվ շունը ոչխարներին համարում է իր եղբայրակիցները և այսպիսով ձեռք է բերում ինքնավստահություն և համարձակություն, իսկ վայրի շները, թեև լավ գիտեն, որ ոչխարներն առանձին վերցրած շներ չեն և ուտելու համար էլ լավ են, երբ տեսնում են նրանց հոտով, որոնց ղեկավարում է մի հովիվ շուն, մասամբ ընդունում են այդ։

Մի երեկո մի «դոմիդոր» (անզուսպ ձիեր զսպող) եկավ մի քանի քուռակ վարժեցներու համար։ Ես նկարագրելու եմ այդ գործողության նախապատրաստական քայլերը, որովհետև ես կարծում եմ, որ ոչ մի այլ ճանապարհորդ չի հիշատակել այդ մանրամասնությունները։ Մի խումբ վայրի երիտասարդ ձիեր քչում են կորալի կամ մեծ ցցերից կազմված ցանկապատի մեջ և փակում դուռը։ Ենթադրենք, որ կորալում միայն մի մարդ կա, որը բռնելու և հեծնելու է մի ձի, որ մինչ այդ երբեք սանձ կամ թամբ չի կրել։ Ես կարծում եմ, որ բացի գաուչոյից ոչ ոք չի կարող գործադրել նման ճարպիկ ձևեր։ Գաուչոն ընտրում է մեծացած մի լավ քուռակ. և երբ կենդանին վազվզում է ձիարձակարանում, նա այնպես է ձգում իր լասոն, որ առջևի երկու ոտներն էլ բռնվում են։ Վայրկենապես ձին ուժեղ կերպով գետին է գլորվում և մինչ մաքառում է գետնի վրա, գաուչոն ամուր բռնելով լասոն՝ մի օղակ է պատրաստում, որպեսզի բռնի հետևի ոտքերից մեկը, կոճիկից ներքև, որը բերում մոտեցնում է առջևի ոտքերին. այնուհետև նա ձգում է լասոն և երեք ոտները կապում իրար։ Ապա նստելով ձիու վզին՝ նա նրա ստորին ծնոտին առանց լկամի մի լավ. սանձ է դնում, այս նա անում է սանձերի ծայրի լամբակներից մի նեղ փոկ անցկացնելով և մի քանի անգամ ծնոտով և լեզվի վրայով տանելով։ Առջևի երկու ոտքերը մի ուժեղ կաշվի փոկով կապում է իրար և ամրացնում սահակապով։ Այնուհետև արձակում է երեք ոտքերն իրար կապող լասոն, ձին դժվարությամբ է ոտքի կանգնում։ Գաուչոն ամուր բռնելով ստորին ծնոտին ամրացրած սանձը՝ ձին դուրս է տանում կորալից։ Եթե մի երկրորդ մարդ էլ կա այնտեղ (առանց որի այդ գործողությունը շատ ավելի դժվար է), նա բռնում է անասունի գլուխը, իսկ մյուսը դնում է նրա կռնակին, նրա թամբաշորն ու թամբը և բոլորը կապում իրար։ Այս գործողության ժամանակ ձին, տեսնելով իրեն կապած ու թամբած, վախից ու զարմանքից մի քանի անգամ. իրեն խփում է գետնին և չի վեր կենում՝ մինչև չծեծեն։ Վերջապես թամբելը վերջացնելուց հետո խեղճ կենդանին ահից հազիվ է կարողանում շնչել և կատարելապես սպիտակում է քրտինքից ու փրփուրից։ Այնուհետև մարդը պատրաստվում է հեծնելու. որպեսզի ձին հավասարակշռությունը չկորցնի, նա ոտներն ամուր սեղմում է ասպանդակի վրա։ Այն մոմենտին, երբ նա ոտքը ձգում է անասունի կռնակի վրա, քանդում է առջևի ոտներն իրար կապող փոկը, և ձին բոլորովին ազատ է լինում։ Մի քանի «դոմիդորներ» ոտներն արձակում են՝ անասունը գետնին պառկած ժամանակ, և կանգնելով թամբի վրա՝ սպասում են, որ ձին վեր կենա իրենց տակից։ Ձին վախից մոլորված՝ կատարում է մի քանի վայրագ ցատկումներ և ապա լրիվ քառատրոփով վազում է առաջ։ Երբ կատարյալ ուժասպառ է լինում, մարդը համբերությամբ նրան ետ է բերում դեպի կորալը, որտեղ խեղճ կենդանուն կիսակենդան և գոլորշիով պատած բաց են թողնում։ Այն ձիերը, որոնք դուրս չեն վազում և համառորեն գցում են իրենց գետին, անհամեմատ ավելի մեծ նեղություն են տալիս։ Այս պրոցեսը շատ խիստ է կատարվում, բայց երկու երեք փորձից հետո ձին կատարելապես ընտելանում է։ Մի քանի շաբաթ կարելի է հեծնել նրան երկաթե կտորներից և ամուր օղակից կազմված սանձով, որովհետև նախքան ամենաուժեղ սանձեր գործածելը՝ նա պետք է սովորի ընտելանալ իր հեծյալի կամքին՝ սանձի զգացողությամբ։

Այս երկրներում կենդանիներն այնքան առատ են, որ անձնական օգուտը և գութը հեռու են իրարից, և, կարծում եմ, այդ է պատճառը, որ վերջինս գրեթե անհայտ է այս մարդկանց մոտ։ Մի օր մի շատ հարգելի ֆերմերի հետ ձիով պամպասներով անցնելիս, իմ ձին հոգնած լինելով՝ ետ էր մնում։ Մարդը հաճախ գոռում էր դեպի ինձ, թե պետք է խթանել։ Երբ ես նրան ընդդիմացա, թե պետք է գթալ կատարյալ ուժասպառ եղած ձիուն, նա պատասխանեց բարձրաձայն. «Ինչո՞ւ ոչ — հոգ մի՛ անի, իմ ձին է, խթանի՛ր» Ինձ համար այնքան֊ էլ հեշտ չէր նրան համոզել, որ ես ոչ թե նրա սեփականություն էի ափսոսում, որ չէի գործածում իմ խթանը, այլ ձիուն։ Նա զարմացական հայացքով բացագանչեց. „Ah, Don Carlos, que cosa!” («Ո՜հ, դոն Կառլոս, ինչ դատարկ բան է»)։ Պարզ էր, որ այդպիսի միտք երբեք նրա գլուխը չէր մտել։

Գաուչոները հայտնի են որպես լավ ձի հեծնողներ։ Երբեք գաուչոն չի կարող մտածել, որ երբևիցե ինքը կարող է ձիուց վայր ընկնել, ինչպիսի ձի էլ նա հեծած լինի կամ ինչ էլ որ ձին անի, նրա համար նշանակություն չունի։ Նրանց մտքում լավ ձի հեծնողի չափանիշն այն մարդն է, որը կարող է ղեկավարել չվարժեցրած քուռակ, կամ որը, երբ ձին իրեն գետին է գցում, կանգնում է իր ոտքերի վրա և կարող է կատարել նման այլ քաջագործություններ։ Ինձ պատմում էին, որ մի մարդ գրազ է եկել, որ ինքը կարող է քսան անգամ իր ձին գետին գլորել և տասնինն անգամին ինքը չընկնել։ Ես հիշում եմ՝ մի անգամ ես ականատես եղա մի գաուչոյի մի վերին աստիճանի ըմբոստ ձի հեծնելիս. ձին երեք անգամ հաջորդաբար բարձր կանգնեց հետևի ոտքերի վրա, որպեսզի ուժեղ կերպով ընկնի կռնակին։ Իսկ հեծնողն անսովոր սառնությամբ սպասում էր հարմար և ճիշտ մոմենտի, որպեսզի սահի ներքև, և նա ոչ մի վայրկյան իսկական ժամանակից շուտ կամ ուշ չէր անում այդ. հենց որ ձին վեր էր կենում, մարդը թռչում էր նրա կռնակին, և վերջիվերջո ձին ճարահատյալ սկսեց քառատրոփ վազել։ Գաուչոն երբեք մկանային ուժ չի գործադրում։ Մի անգամ ես դիտում էի մի լավ ձիավորի, երբ մենք արագ քշելով մեր ձիերն՝ անցնում էինք նրա մոտով, և ես մտքումս ասում էի. «Եթե ձին շարժվի, դու կընկնես, շատ անհոգ ես նստել թամբի վրա»։ Այդ պահին մի արու ջայլամ դուրս թռավ իր բնից, որը գտնվում էր ձիու հենց քթի տակ, ջահել քուռակը եղջերուի նման կողքի ցատկեց, իսկ ինչ վերաբերում է մարդուն, այսքանը կարելի էր ասել, որ նա հանկարծակիի եկավ և վախեցավ իր ձիու հետ։

Չիլիում և Պերուում շատ ավելի դժվար է ձիուն լկամի վարժեցնելր, քան Լա Պլատայում, և այս, ըստ երևույթին, հետևանք է այդ երկրի համեմատաբար բարդ բնույթի։ Չիլիում չի կարելի ձին համարել կատարյալ վարժեցրած՝ մինչև հնարավոր չլինի նրան կանգնեցնել իր ամենաարագ վազքի ժամանակ, այն էլ որոշված մի կետում, օրինակի գետնին փռած կրկնոցի վրա, կամ թե նա կարշավի դեպի պատը և ծառս լինելով կսկսի սմբակներով փորել։ Ես տեսել եմ մի աշխուժ ձի, որին սանձել էին սոսկ ցուցամատով և բութով. բակով քառասմբակ վազեցնելուց հետո նրան շուռ տվին և սկսեցին մեծ արագությամբ վազեցնել վերանդայի սյան բոլորտիքով. այդ շրջանները նա կատարում էր այնպես հավասար հեռավորությամբ, որ նրա վրա հեծցնողի դուրս պարզած ձեռքի մատն ամբողջ ժամանակ գտնվում էր սյան վրա։

Այնուհետև օդում կիսաշրջան թռիչք կատարելով, միևնույն եղանակով պարզելով մյուս ձեռքը, զարմանալի արագությամբ շարունակեց հակառակ ուղղությամբ շրջաններ կատարել։

Այսպիսի ձին համարվում է լավ վարժեցրած, և թեև սկզբում այդ անօգուտ բան է թվում, բայց իսկապես չափազանց անհրաժեշտ է այդ վայրի համար։ Այդ բոլոր վարժությունները պետք է կիրառել ամեն օր, կենդանին կատարելության հասցնելու համար։ Երբ լասոյով բռնում են մի եզ, սա երբեմն սկսում է կլոր պտույտներ անել, և եթե ձին լավ վարժեցրած չէ, այդ պտույտից առաջացած քաշքշումից խրտնելով՝ չի կարողանա անվի սռնակի նման հեշտ դառնալ. այսպես սպանվել են շատ մարդիկ, որովհետև եթե լասոն մի անգամ փաթաթվի մեկի մարմնին, երկու կենդանիների հակառակ ուղղություններով ձգվող ուժից մարդը գրեթե երկու կես կլինի։ Միևնույն սկզբունքով են ղեկավարվում և ձիարշավները, վազքի ճանապարհը երկու կամ երեք հարյուր կանգունից չի անցնում. սրա նպատակն է ունենալ այնպիսի ձիեր, որոնք կարողանան վազել խիստ արագ։ Վազքի ձիերին վարժեցնում են ոչ միայն կանգնել այնպես, որ նրանց սմբակները լինեն միևնույն գծի վրա, այլ և ամբողջ չորս ոտներն էլ շարժվեն միասին, այնպես որ առաջին ցատկումից հետևի ոտքերն ամբողջությամբ գործողության մեջ լինեն։ Չիլիում ինձ մի անեկդոտ էին պատմում, որը, կարծում եմ, ճիշտ կլինի։ Այդ պատմությունը շատ գեղեցիկ նկարագրում է լավ վարժեցրած ձիու գործածությունը։ Մի հարգելի մարդ մի օր ձիով անցնելիս հանդիպում է երկու այլ մարդկանց, նրանցից մեկը հեծած է լինում մի ձի, որը գողացած են լինում իրենից։ Նա, ճանաչելով իր ձին, ետ է պահանջում, իսկ վերջիններս ի պատասխան նրա պահանջի՝ քաշում են իրենց տապարները և հալածում նրան։ Նա իր լավ և արագավազ ձին հեծած՝ փախչում է նրանց առջևից, և անցնելով մի խիտ մացառուտ՝ շուռ է գալիս և հանկարծ կանգ է առնում քար կտրած։ Հետապնդողներն ստիպված սրընթաց անցնում են նրա մոտով և ընկնում նրա առաջը։ Այնուհետև նա վայրկենապես հետևից նետվելով նրանց վրա՝ իր դանակը խրում է նրանցից մեկի կռնակը ու վիրավորում մյուսին և խլելով իր ձին մեռնող ավազակի ձեռքից՝ քշում է դեպի տուն։ Այս ճարպիկ ձիավարժության համար անհրաժեշտ է երկու բան. առաջինը ուժեղ լկամն է, ինչպիսին օգտագործում են մամելուկները, որի ուժը ձին շատ լավ է հասկանում, թեև այդ լկամը շատ քիչ է գործածվում. երկրորդը մեծ և կոշտ խթաններն են, որոնք գործածվում են սոսկ թեթև հպումներ տալու համար, միաժամանակ դրանք վերին աստիճանի ուժեղ ցավ պատճառելու գործիքներ են։ Ես կարծում եմ, որ անգլիական խթաններով, որոնցով ամենաթույլ հպումից անգամ մորթը պատառոտվում է, հնարավոր չէր լինի հարավ-ամերիկյան ձևով վարժեցնել ձիերին։

Լաս Վակասի մոտ մի ֆերմայում յուրաքանչյուր շաբաթ մորթում են մեծ թվով մատակ ձիեր՝ նրանց մորթու համար, թեև յուրաքանչյուր մորթ հինգ թղթե դոլարից կամ կես կրոնից[95] ավելի չի արժենում։ Սկզբից տարօրինակ է թվում, որ այդպիսի չնչին գումարի համար սպանում են մատակ ձիերին, բայց պետք է ասել, որ նրանք բացի ծնելուց ոչ մի նպատակի չեն ծառայում. այդ երկրում չափազանց ծիծաղելի է մարդկանց տեսնել մատակ ձի հեծած. նույնչափ ծիծաղելի է և նրանց վարժեցնելու փորձեր անելը։

Ես միայն տեսել եմ նրանց ցորենը կալսելու աշխատանքներ կատարելիս. այդ կատարվում էր մի փակ կլոր շրջանում փռված հասկերի վրայով նրանց անընդհատ քշելով։ Այն մարդը, որի պարտականությունը մատակ ձի մորթելն էր, ուներ հմուտ լասո գործածողի մեծ համբավ։ Կորալի բերանից տասներկու կանգուն հեռու կանգնելով նա գրազ էր եկել, որ ինքը կարող է բռնել բոլոր կենդանիներին ոտքերից, երբ նրանք հերթով վազելով անցնեն իր մոտով, բաց չթողնելով և ոչ մի կենդանու։ Կար և մի ուրիշը, որն ասում էր, թե ինքը կարող է ոտքով կորալ մտնել, բռնել մատակ ձին, առջևի ոտներն իրար կապել, նրան դուրս քշել, գլորել գետին, մորթել, մաշկել և մաշկը փռել ցցերի վրա չորանալու (վերքին աշխատանքը բավականին հոգնեցուցիչ է) և որ ինքը կարող է այս ամբողջ գործողությունը մեկ օրում կրկնել քսաներկու անգամ։ Իսկ եթե միայն. մորթելն ու մաշկելը լիներ, առանց մորթը ցցերի վրա փռելու աշխատանքի, նա մի օրում կարող էր, ինչպես ինքն էր ասում, հիսուն օպերացիա կատարել։ Այս չափազանց մեծ աշխատանք է, որովհետև տասնևհինգ կամ տասնուվեց ձի մաշկելը և մորթը փռելը համարվում է մի լրիվ օրվա աշխատանք։

Նոյեմբերի 26.— Վերադարձիս ուղիղ գծով ուղևորվեցի դեպի Մոնտեվիդեո։ Լսելով մի հսկա կենդանու ոսկրների մասին, որը գտնվում էր մոտակա մի ֆերմայում, Ռիո Նեգրո գետը մտնող Սարանդիս գետակի վրա, իմ հյուրընկալի հետ այցելեցի այնտեղ և տասնութ պենսի արժողությամբ գնեցի տոքսոդոնի գլուխը։[96] Այդ գլուխը գտնվելիս բոլորովին լրիվ է եղել, բայց տղաները քարերով հանել էին նրա ատամներից մի քանիսը և հետո էլ դնելով որոշ հեռավորության վրա որպես նշանակետ՝ քարով խփել էին։ Բարեբախտաբար պատահմամբ ես գտա մի ամբողջական ատամ, որը ճիշտ և ճիշտ հարմարվում էր այս գանգի ատամի խոռոչներից մեկին. այդ ատամը գտնված էր Ռիո Տերցերո գետի ափերին, վերոհիշյալ ֆերմայից հարյուր ութսուն մղոն հեռու։ Ես այս արտաքո կարգի կենդանու, մնացորդները գտա երկու այլ տեղերում ևս, այնպես որ պետք է ենթադրել, թե նա շատ է տարածված եղել։ Նույն տեղում գտնվեցին նաև մի վիթխարի զրահակիրանման կենդանու զրահի մի քանի խոշոր մասեր, ինչպես և միլոդոնի հսկա գլխի մի մասը։ Այս գլխի ոսկրներն այնքան թարմ են, որ համաձայն մր. Տ. Ռիքսի անալիզի՝ նրանք պարունակում են յոթը տոկոս կենդանական նյութ և սպիրտի լամպի վրա բռնելիս վառվում են թույլ բոցով։ Պամպասները կազմող և Բանդա Օրիենտալի գրանիտային ապառները ղածկող էստուարային (գետաբերանային) մեծ նստվածքում թաղված մնացորդների թիվը պետք է որ չափազանց մեծ լինի։ Ես հավատացած եմ, որ պամպասներով որևէ ուղղությամբ տարված ուղիղ գիծը կկտրի կանցնի ոսկրների և կմախքների միջից։ Բացի իմ կարճատև ճանապարհորդության ժամանակ գտած ոսկրներից, ես լսել եմ նաև բազմաթիվ այլ մնացորդների մասին. բացի այդ, այստեղ շատ հաճախ լսում ենք այնպիսի տեղերի անուններ, ինչպես, օրինակ, «Կենդանու գետակը», «Հսկայի բլուրը», որոնց ծագումն ակներև է։ Ուրիշ անգամներ ես լսեմ եմ մի շարք գետերի զարմանալի հատկությունների մասին, որոնք կարող են փոքրիկ ոսկրները մեծերի փախել, կամ, ինչպես մի քանիսը պնդում էին, ոսկրներն իրենք իրենց աճում են։

Որքան ինձ հայտնի է՝ այս կենդանիներից ոչ մեկը չի ոչնչացել այժմվա ցամաքի ճահիճներում կամ տղմոտ գետերի հուներում, ինչպես ենթադրում էին մի ժամանակ, այլ նրանց ոսկրները երևան են եկել այն գետերի միջոցով, որոնք հատում են ենթաջրային նստվածքները, որոնց մեջ նրանք՝ թաղված են եղել շատ առաջ։ Այսպիսով, մենք կարող ենք եզրակացնեի որ ամբողջ պամպասների տարածությունը ներկայացնում է այս անհետացած հսկա չորքոտանիների համար մի ընդարձակ գերեզման։

Նոյեմբերի 28-ի կեսօրին հասանք Մոնտեվիդեո՝ երկու և կես օր ճանապարհին լինելով։ Ամբողջ ճանապարհի վրա ընկած դաշտերը միօրինակ տեսք ունեին՝ որոշ մասերում լինելով քիչ ավելի ժայռոտ կամ բլրոտ, քան Պլատայի շրջապատը։ Մոնտեվիդեոյից ոչ հեռու մենք անցանք Լաս Պիետրաս գյուղի միջով. այդ գյուղն իր անունն ստացել է սիենիտի մի քանի մեծ, կլոր զանգվածներից։ Նա բավականին գեղեցիկ տեսք ուներ։ Այս երկրում թզի ծառերով շրջապատված մի խումբ տներ և ընդհանուր մակերևույթից հարյուր ոտնաչափ բարձր տեղերը կարելի էր միշտ գեղանկար համարել։

Վերջին վեց ամսում ես առիթ ունեցա դիտելու այս գավառների բնակիչների նկարագիրը։ Գաուչոները, կամ գյուղի բնակիչները շատ ավելի բարձր են իրենց նկարագրով, քան քաղաքում ապրողները։ Գաուչոն միշտ վերին աստիճանի պարտավորիչ, քաղաքավարի և հյուրասեր է, ես երբեք չպատահեցի և ոչ մի դեպքի, որտեղ գաուչոն կոպիտ կամ անհյուրընկալ լիներ։ Նա շատ համեստ է և՛ իր անձնավորության, և՛ երկրի նկատմամբ, բայց միաժամանակ պետք է հիշել, որ նա աշխույժ և համարձակ մարդ է։ Մյուս կողմից, տեղի են ունենում բազմաթիվ կողոպուտներ և արյունհեղություններ. վերջին չարիքի գլխավոր պատճառը մշտական դանակ կրելու սովորությունն է։ Ողբալի է լսել, թե քանի՜-քանի կյանքեր են կորել չնչին կռիվներից։ Կռվելիս յուրաքանչյուր կողմ աշխատում է իր հակառակորդի դեմքն այլանդակել՝ քիթը կամ աչքը կտրատելով, որոնց հետևանքը լինում են հաճախակի երևացող խորը և ահռելի սպիները։ Կողոպուտները համատարած բախտախաղերի, չափազանց շատ հարբեցողության և ծայրահեղ անհոգության հետևանքն են։ Մերսեդեսում ես հարցրի երկու մարդու, թե ինչու չեն աշխատում։ Մեկը լրջորեն ասաց, որ օրերը շատ երկար են, իսկ մյուսը՝ թե ինքը շատ աղքատ է։ Ձիերի թիվը և սննդի առատությունն այնտեղ կործանում են բոլոր տեսակի արդյունաբերությունը։ Բացի այդ, տոն օրերը չափազանց շատ են, և նրանց սովորության համաձայն ոչ մի աշխատանք կամ ձեռնարկություն հաջողություն չի ունենա, եթե նա չսկսվի լուսնի նորելու հետ, այնպես որ ամսվա կեսն այս երկու պատճառներից կորչում է։

Ոստիկանությունը և դատարանը ազդեցությունից բոլորովին զուրկ են։ Եթե մի աղքատ մարդ ոճիր է գործում, նրան բանտարկում են, գուցե և մինչև անգամ գնդակահարում. իսկ եթե նա հարուստ է և ունի բարեկամներ, կարող է վստահ լինել, որ իր կատարած ոճրագործությունը շատ խիստ հետևանքներ չի ունենա։ Հետաքրքրականն այն է, որ այդ շրջանների ամենամեծարելի բնակիչները միշտ օգնում են մարդասպանին ոստիկանությունից խույս տալու ժամանակ. կարծեք թե նրանք մտածում են, որ անհատ քաղաքացին հանցանք է գործում պետության դեմ և ո՛չ բնակչության։ Ճանապարհորդը բացի հրազենից, պաշտպանության ոչ մի այլ միջոց չունի. և զենք կրելու մշտական սովորությունը հաճախակի կողոպուտները կանխող գլխավոր միջոցն է։

Համեմատաբար բարձր և կրթված դասերի նկարագրի մեջ, որոնք ապրում են քաղաքներում, նույնպես կան գաուչոյի լավ հատկություններից շատ բաներ, թեև այդ արտահայտվում է ավելի թույլ չափով, բայց, ինչպես ինձ թվում է, նրանց նկարագիրն արատավորված է բազմաթիվ թերություններով, որոնցից ազատ է գաուչոն։ Անառակությունը, սրբապղծությունը և բարքերի ամենամեծ ապականությունները հաճախակի երևույթներ են։ Գրեթե կարելի է կաշառել պետության բոլոր պաշտոնյաներին։ Պոստի գրասենյակի ընդհանուր վարիչը կեղծ փողեր էր ծախում։ Նահանգապետը և առաջին մինիստրը միացած՝ բացեիբաց կողոպտում էին պետությանը։ Հազիվ թե ոբևէ մեկից կարելի լիներ արդարություն սպասել, երբ մեջտեղ էր գալիս ոսկին։ Ես ճանաչում էի մի անգլիացու, որը մի անգամ գնում է գլխավոր դատավորի մոտ (նա պատմում էր ինձ, որ այն ժամանակ չիմանալով տեղի սովորությունները՝ սենյակը մտնելով դողում էր) և ասում է. «Պարոն, ես եկել եմ առաջարկելու ձեզ երկու հարյուր թուղթ դոլլար (մոտ հինգ ֆունտ ստերլինգ), եթե դուք մինչև այս-ինչ ժամկետը ձերբակալեք մի մարդու, որը խաբել է ինձ։ Ես գիտեմ, որ այս օրենքին դեմ է, բայց իմ փաստաբանը (տալիս է նրա անունը) հանձնարարել ինձ դիմել այս քայլին է։ Գլխավոր դատավորը ժպտում է՝ տեղի տալով, շնորհակալություն հայտնում նրան, և գիշերը մարդն ապահով դրվում է բանտ։ Այսպես, առաջավոր մարդկանց սկզբունքի կատարյալ բացակայությամբ և փոքր ռոճիկով խռովարար սպաներով լցված մի երկրի ժողովուրդ դեռ հույս անի, որ կարող է հաջողել դեմոկրատական կառավարություն կազմելու։

Այս երկրներում առաջին անգամ հասարակության մեջ մտնելիս մարդու ուշադրությունը ամենից ուժեղ գրավում է երեք հանգամանք, որոնք առանձնապես նշանակալի են — քաղաքավարի և ծանրաբարո վերաբերմունքը, որը թափանցել է կյանքի բոլոր խավերը, կանանց սքանչելի ճաշակը հագուստների գործածության խնդբում, և հավասարությունը բոլոր դասերի և կարգերի մեջ։ Ռիո Կոլորադոյում մի քանի շատ հասարակ խանութպաններ ճաշում էին գեներալ Ռոսադի հետ։ Բահիա Բլանկայում մի մայորի որդի իր ապրուստը ձեռք էր բերում թղթի գլանակներ պատրաստելով և նա ցանկություն հայտնեց ուղևորվելու ինձ հետ որպես ուղեկցող կամ ծառա, մինչև Բուենոս Այրես, բայց իր հայրն առարկեց նրան սոսկ վտանգավորության պատճառով։ Բանակի սպաներից շատերը ոչ կարդալ գիտեն և ոչ էլ գրել, բայց բոլորն էլ հասարակության մեջ են մտնում որպես հավասար մարդիկ։ Էնտր Ռիոսում սալան[97] կազմված էր միայն վեց ներկայացուցիչներից։ Նրանցից մեկը մի հասարակ խանութպան էր, և նա ակներևաբար չէր թերագնահատվում և ոչ մեկի կողմից։ Այս բոլոր սովորությունները և բարքերը հատուկ են յուրաքանչյուր նոր երկրի. այնուամենայնիվ պրոֆեսիոնալ ջենտլմենների բացակայությունն անգլիացի ճանապարհորդին որոշ չափով կարող է տարօրինակ թվալ։

Այս երկրների մասին խոսելիս պետք է միշտ աչքի առաջ ունենալ նրանց դաժան ծնողի՝ Սպանիայի սովորություններն ու բարքերը, որոնց միջից նրանք դուրս են եկել։ Ընդհանուր առմամբ գուցե ավելի շատ պետք է դրվատել սպանացիներին կատարվածի համար, քան պարսավել թերությունների համար։ Կասկածից դուրս է, որ այս երկրների ծայր աստիճան լիբերալիզմը վերջիվերջո նրանց կտանի դեպի լավ վերջավորություններ։ Սպանական Հարավային Ամերիկա այցելողները պետք է որ երախտապարտությամբ հիշեն այդ երկրներում գոյություն ունեցող ընդհանուր հարգանքը դեպի օտար կրոնները, կրթական նպատակների համար նրանց տածած առանձին ուշադրությունը, մամուլի ազատությունը, այն դյուրությունները, որ ցուցաբերում են դեպի բոլոր օտարականները և մասնավորապես դեպի այն անհատները, որոնք ամենափոքր հավակնություն են երևան բերում գիտության նկատմամբ. այս վերջինն առանձնապես պարտավոր էի հիշատակել։

Դեկտեմբերի 6.— «Բիգլ»-ը դուրս եկավ Ռիո Պլատայից, և այլևս երբեք այդ տղմոտ գետախորշը չմտավ։ Մեր ճանապարհն ուղղված էր դեպի Պորտ Դեզիրե, որը գտնվում է Պատագոնիայի ափերին։ Նախքան այդ վայրերը նկարագրելը, այստեղ ամփոփելու եմ մի քանի դիտողություններ, որոնք կատարվել են ծովի վրա։ Երբ «Բիգլ»-ը Պլատայի գետաբերանից մի քանի մղոն հեռու էր գտնվում, ինչպես և Հյուսիսային Պատագոնիայի ափերից բավականին հեռու, մենք մի քանի անդամ շրջապատվեցինք միջատներով։ Մի երեկո, երբ մենք գտնվում էինք Սան Բլաս ծոցից տասը մղոն հեռու, թիթեռների մի ահռելի քանակություն, կազմված անհաշիվ խմբերից կամ երամներից, բռնել էր մի հսկայական տարածություն, տարածվելով այնքան հեռու, որքան աչքը կարող է տեսնել։ Մինչև անգամ հեռադիտակի օգնությամբ հնարավոր չէր տեսնել թիթեռներից ազատ տարածություններ։ Նավաստիները բացագանչում էին՝ «Թիթեռների ձյուն է գալիս», և իսկապես տեսարանն այդ էր ներկայացնում։ Այնտեղ կային մեկից ավելի տեսակներ, բայց մեծ մասը պատկանում էր մի տեսակի, որը նման է անգլիական սովորական Colias edusa-յին, բայց, իհարկե, նույնը չէր։ Նրանց հետ խառն էին նաև մի քանի ցեցեր և թաղանթաթև միջատներ, և մի գեղեցիկ բզեզ (Calosoma) թռավ նավի տախտակամածի վրա։ Հայտնի են և այլ դեպքեր, երբ այս բզեզը բռնվել է հեռու բաց ծովի վրա. այդ դեպքն ավելի հետաքրքրական է որովհետև բզեզները (Carabidae) շատ քիչ են թռչում կամ երբեք չեն թռչում։ Այդ օրը, ինչպես և նախընթաց օրը, անցել էր պարզ և խաղաղ, լուսավոր և փոփոխական եղանակով, այնպես որ չի կարելի ենթադրել, որ այդ միջատներն ափից քամին էր քշել բերել, այլ պետք է եզրակացնենք, որ նրանք կամովին էին ձեռնարկել այդ թռիչքը։ Colias տեսակի մեծ երամների ներկայությունն առաջին հայացքից մեզ հիշեցնում է մի այլ թիթեռնիկի (Vanessa cardui)[98] գաղթումները, որի մի քանի դեպքերն արձանագրված են, բայց մյուս միջատների ներկայությունը դրությունը փոխում է և լուսաբանումն ավելի դժվարացնում։ Արևը մայր մտնելուց առաջ հյուսիսից փչեց մի ուժեղ քամի, և այս պետք է որ ոչնչացրած լիներ տասնյակ հազարավոր թիթեռներ և այլ միջատներ։

Մի այլ անգամ, երբ Կորիենտես հրվանդանից տասնևյոթ մղոն հեռու էինք գտնվում, ես տախտակամածից ցանցով փորձեցի պելագիկ (բաց ծովի) կենդանիներ բռնել, և երբ հավաքեցի ուռկանը, ի դարմանս իմ՝ նրա մեջ գտա զգալի թվով բզեզներ, և, թեև բաց ծովում, նրանք արտաքնապես այնքան էլ վնասված չէին երևում աղի ջրից։ Ես կորցրի այգ նմուշներից մի քանիսը, բայց պահածներս պատկանում էին Colymbetes, Hydroporus, Hydrobius (երկու տեսակ), Notaphus, Cynucus, Adimonia և Scarabaeus սեռերին։ Սկզբում ինձ այնպես էր թվում, թե այս միջատները քշվել բերվել են ափից, բայց նկատի ունենալով, որ ութ տեսակներից չորսը ջրային էին, իսկ երկուսն էլ իրենց սովորություններով մասամբ ջրային էին, ուստի ինձ համար ամենից հավանական էր թվում, որ նրանք պետք է ծովը մտած լինեին մի առվակի միջոցով, որն սկիզբ է առնում Կորիենտես հրվանդանին մոտիկ գտնվող լճից։ Ինչպես էլ ենթադրենք, այնուամենայնիվ չափազանց հետաքրքրական է գտնել կենդանի միջատներ, որոնք լողում են բաց օվկիանոսում, այն էլ այնպիսի մի տեղում, որն ամենամոտիկ ափից տասնևյոթ մղոն հեռու է։ Պատագոնիայի ափերից ծովը քշված միջատների մասին անցյալներում եղել են մի շարք հիշատակություններ։ Այդ նկատել է և կապիտան Կուկը, իսկ ավելի ուշ՝ կապիտան Կուկը, երբ ճանապարհորդելիս է եղել «Էդվենչըր» նավով։ Այս հավանորեն պետք է վերագրել ապաստարանի բացակայության, լինի այդ ծառ թե բլուր, այնպես որ որևէ միջատ թռչելիս ափին քամու, հանդիպելիս շատ հեշտությամբ կարող է դեպի ծովը տարվել։ Ցամաքից հեռու, ծովի վրա բռնված՝ ինձ հայտնի միջատներից ամենազարմանալին մի մեծ մորեխ էր (Acridium), որը թռավ նավի տախտակամածի վրա, երբ «Բիգլ»-ը նավարկում էր Կանաչ հրվանդանի կղզիներից, և երբ ցամաքի ամենամոտիկ կետը, որն ուղղակի պասսատների հակառակ ուղղությանը չէր գտնվում, Բլանկո հրվանդանն էր՝ Աֆրիկայի ափին, երեք հարյուր յոթանասուն մղոն հեռու։[99]

Ուրիշ անգամներ, երբ «Բիգլ»-ը եղել է Պլատայի գետաբերանի սահմաններում, նավի պարանասարքը պատած է եղել հյուսող սարդերի ոստայնով։ Մի օր (1832 թվի նոյեմբերի մեկին) ես առանձնապես հետաքրքրվեցի այս խնդրով։ Եղանակը պարզ էր և խաղաղ, և առավոտյան օդը լցված էր ոստայնի փաթիլանման մասերով, ինչպես այդ աշնանային օրերին լինում է Անգլիայում։ Նավն ափից գտնվում էր վաթսուն մղոն հեռու, մի անընդհատ և միօրինակ փչող, թեև մեղմ, քամու ուղղությանը։ Փոքր տեսակի սարդերի մի մեծ բազմություն, որոնք ունեին մեկ տասներորդ մատնածափի մեծություն և մութ կարմրավուն գույն, կպել էին ոստայններին։ Պետք էր ենթադրել, որ նավի վրա նրանց թիվը մի քանի հազարից անց էր։ Երբ առաջին անգամ փոքրիկ սարդը հանդիպում էր պարանասարքին, միշտ նստում էր առանձին թելի վրա, և ոչ թև փաթիլավոր զանգվածի վրա։ Թվում է թե վերջինս առաջանում է սոսկ անջատ թելերի խճճվելուց։ Բոլոր սարդերն էլ պատկանում էին միևնույն տեսակին, բայց կային և արուներ և էգեր. նրանց հետ էին և երիտասարդ, փոքրիկ սարդերը։ Վերջիններս տարբերվում էին իրենց համեմատաբար փոքր ծավալով և ավելի մութ թխագույն գույնով։ Ես այս սարդի նկարագրությունը չեմ տալու, այլ սոսկ նշելու եմ, որ ըստ իս նա չի ներառված Լատրելիեի սեռերից և ոչ մեկի մեջ։ Փոքրիկ օդանավորդը հենց որ նավի վրա էր ընկնում, սկսում էր իր գործունեությունը, վազում էր դես-դեն, երբեմն իրեն ներքև էր գցում, ապա նորից բարձրանում միևնույն թելով, երբեմն զբաղված էր լինում պարաններից կազմված անկյուններում մի չափազանց անկանոն և փոքր ոստայն գործելով։ Նա հեշտությամբ կարող էր վազել ջրի երեսին, երբ նրան անհանգստացնում էին, նա բարձրացնում էր իր առջևի ոտները և կանգ առնում՝ ուշադիր կեցվածքով։ Տեղ հասնելիս սկզբում շատ ծարավ էր երևում և իր ծնոտները երկարացրած՝ ագահորեն կաթիլներով ջուր էր խմում։ Նույն բանը նկատել է և Ստրակը. արդյոք դրանից չի՞ կարելի հետևցնել, որ այդ միջատն անցել է չոր և նոսր մթնոլորտով։ Նրա ոստայնի պաշարն անսպառ էր երևում։ Երբ դիտում էի մի քանի ոստայններ, որոնք կախված էին մի հատիկ թելից, մի քանի անգամ ես նկատեցի, որ օդի ամենաչնչին շարժումն անգամ նրանց հորիզոնական գծով քշում տանում էր հեռուները, մինչև կորչում էին մեր տեսողությունից։ Մի այլ անգամ (25-ին) միևնույն պայմաններում ես երկու անգամ նկատեցի միևնույն տեսակի մի փոքրիկ սարդ, որը կամ կեցած էր լինում մի փոքր բարձրության վրա կամ սողում նրա վրայով։ Նա բարձրացնում էր իր փորը, բաց էր թողնում մի թել և ապա հորիզոնական ձևով նավարկում անցնում էր. այդ նա կատարում էր բոլորովին անըմբռնելի արագությամբ։ Ինձ թվում էր, թե ես նկատում էի, որ սարդը, նախքան վերոհիշյալ նախապատրաստական քայլերն անելը, ամենանուրբ թելերով իր ոտքերը կապում էր իրար, բայց ես չեմ կարող վստահորեն ասել, թե իմ այս դիտողությունը ճիշտ է։

Մի օր Սանտա Ֆեում ես մի ավելի լավ առիթ ունեցա նման մի դիտողության համար։ Մի սարդ, որը կլիներ մոտ երեք տասերորդ մատնաչափ երկարության և որն իր ընդհանուր տեսքով նման էր մի արագոտնի (Citigrade) (ուստի և բոլորովին տարբեր սովորական թելաթիռ սարդերից), կանգնելով մի ձողի ծայրին՝ իր մանելու գործարանից բաց թողեց չորս-հինգ թել։ Սրանք արևի տակ արձակած իրենց շողքով նման էին լույսի տարածված ճառագայթներին. սակայն նրանք ուղիղ չէին, այլ ալիքավոր էին, նման քամու քշած մետաքսե ժապավենների։ Նրանք ունեին մեկ կանգունից ավելի երկարություն և դուրս զալով շեղվում էին դեպի վեր։ Այնուհետև սարդը հանկարծակի լքեց իր պոստը և կարճ ժամանակում բոլորովին անհետացավ։ Օրն ըստ երևույթին բոլորովին խաղաղ էր և տաք. բայց այսպիսի պայմաններում մթնոլորտը երբեք չի կարող այնպես խաղաղ լինել, որ սարդի ոստայնի թելի նման նուրբ հողմացույցը չազդվի։ Երբ մի տաք օր մենք դիտում ենք մի թմբի վրա ընկած որևէ առարկայի ստվեր կամ հեռվում սահմանաքարի մոտ գտնվող հարթ տարածություն, գրեթե միշտ նկատելի են լինում տաքացած օդի բարձրացող հոսանքի նշանները. դեպի վեր բարձրացող նման հոսանքներ նկատվել են նաև օճառի պղպջակների բարձրացման ժամանակ, որոնք փակ սենյակում չեն բարձրանում։ Ուստի կարծում եմ, որ շատ դժվար չէ հասկանալ սարդի մանող գործարանից դուրս եկած նուրբ թելերի, ինչպես և հետագայում իրեն՝ սարդի բարձրացման պատճառները։ Իմ կարծիքով՝ մր. Մըրրեյը փորձել է թելերի ցրվելը բացատրել նրանց միօրինակ էլեկտրական վիճակով։ Այն հանգամանքը, որ ցամաքից փարսախներով հեռու մի քանի անգամ երևացել են միևնույն տեսակի և տարբեր սեռի ու տարիքի սարդեր, որոնք մեծ թվով միացած են թելերին, ցույց է տալիս, որ հավանորեն այս ցեղին նույն չափ բնորոշ է օդի միջից նավարկելու սովորությունը, որչափ որ Argyroneta-յի համար սուզվելն է։ Այսպիսով մենք կարող ենք առարկել Լատրեյլի այն ենթադրության դեմ, ըստ որի թռչող թելիկներն անտարբեր կերպով արդյունք են մի քանի սեռի պատկանող սարդերի ձագերին, թեև, ինչպես տեսանք, այլ սարդերի ձագերն ընդունակ են օդային ճանապարհորդություններ կատարելու։[100]

Երբ մեր նավը լողում էր Պլատայից հարավ, ես հաճախ նավի հետևի կողմում քաշում էի դրոշակի կտավից կազմված մի ցանց և այսպիսով բռնում էի բազմաթիվ հետաքրքրական կենդանիներ։ Ողորկապատյաններից կային չնկարագրված և տարօրինակ բազմաթիվ սեռեր։ Նրանցից մեկը, որը մի քանի կողմերով մոտիկ է թիկնոտնյաներին (Notopoda—խեչափառներ, որոնց վերջին ոտները գրեթե գտնվում են կռնակներին՝ տակից ժայռերին կառչելու համար), չափազանց հետաքրքրական է իր հետևի մի զույգ ոտների կառուցվածքի տեսակետից։ Նախավերջին հոդը, փոխանակ վերջանալու պարզ ճանկերով, վերջանում է տարբեր երկարության երեք թաթաձև հավելվածքներով, որոնցից ամենաերկարը հավասար է ամբողջ սրունքին։ Այս ճանկերը չափազանց բարակ են և սղոցավորված են վերին աստիճանի մանր ատամներով, որոնք ուղղված են դեպի ետ, նրանց կորացած վերջավորությունները տափակ են, և այս մասում տեղավորված են հինգ չափազանց մանր բաժակներ, որոնք կարծեք թե այն նշանակությունն ունեն, ինչ որ թանաքաձկների թևերի վրա գտնվող ծծանները։ Որովհետև այո կենդանին ապրում է բաց ծովում և հավանորեն կարիք ունի հանգստանալու տեղի, ուստի ես կարծում եմ, որ այս գեղեցիկ և վերին աստիճանի անկանոն կաոուցվածքը հարմարեցված է լողացող ծովային կենդանիների վրա նստելուն։

Ցամաքից հեռու, խորը ջրում ապրող էակների թիվը շատ փոքր է, 35° հարավ ինձ չհաջողվեց բռնել և ոչ մի բան, եթե չհաշվենք մի քանի Beroe-ներ (ձվաձև կենդանաբույս) և շատ քիչ քանակությամբ մանր միջատախեցյա խեցեմորթներ (Entomostracus Crustacea)։ Ծանծաղ ջրերում, ափից մի քանի մղոն հեռու, վխտում են մեծ քանակությամբ բազմաթիվ տեսակի խեցեմորթներ և մի քանի այլ կենդանիներ, բայց միայն գիշերը։ Հոռն հրվանդանից հարավ, 56° և 57° լայնությունների միջև, մի քանի անգամ ուռկանը նավի հետևը ծովը գցեցի, բայց, բացի երկու տեսակի պատկանող մի քանի վերին աստիճանի մանր միջատախեցիներից, ուրիշ ոչինչ չբռնվեց։ Մինչդեռ օվկիանոսի այս մասում ամենուրեք վխտում են մեծ կետեր, փոկեր, մրրկահավեր և ալբատրոսներ։ Ինձ միշտ անհասկանալի է եղել, թե ինչո՛վ է սնվում ալբատրոսը, որն ապրում է ափից բավականին հեռու, ես ենթադրում եմ, որ կոնդորի նման նա կարող է երկար ժամանակով ծոմ պահել, և մի լավ խնջույքը կետի նեխվող մնացորդների վրա նրան կարող է պահել երկար ժամանակով։ Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական և միջտրոպիկական մասերը վխտում են թևոտնյաներով (Pteropoda). խեցեմորթներով (Crustacea), ճառագայթավորներով (Radiata), նրանց կուլ տվող թռչող ձկով և վերջինս կուլ տվող բոնիտոներով և ալրիկորներով։

Կարծում եմ, որ պելագիկ բազմաթիվ ստորին կենդանիները սնվում են ինֆուզորիայով, որոնք, ըստ Էրենբերգի վերջին հետազոտությունների՝ հորդում են բաց օվկիանոսում. իսկ ինչո՞վ են ապրում այդ ինֆուզորիաները վճիտ կապույտ ջրում։

Մի շատ մութ գիշեր, երբ նավով անցնում էինք Պլատայից քիչ հարավ, ծովը ներկայացնում էր մի զարմանալի և վերին աստիճանի գեղեցիկ տեսարան։ Փչում էր մեղմ և թարմ զեփյուռ, և օվկիանոսի ամբողջ մակերեսը, որը ցերեկը փրփուր է ներկայացնում, շողում էր աղոտ լույսով։ Նավի ցռուկի առջևից բարձրանում էին երկու ալիք, կարծեք թե կազմված էին հեղուկ ֆոսֆորից, իսկ հետքում նավին հետևում էին կաթնային ալիքներ։ Այնքան, որքան աչքը կարող էր տեսնել, յուրաքանչյուր ալիքի արտաքին շերտը երևում էր պայծառ, իսկ հորիզոնից վերև երկինքն այս կապուտակ բոցերի շլացուցիչ լույսի անդրադարձումից այնպես մթին չէր, ինչպես երկնակամարը։

Որքան ավելի հարավ ենք գնում, այնքան ծովի ֆոսֆորայնությունը նվազում է. իսկ Հոռն հրվանդանից այն կողմ, որչափ հիշում եմ, միայն մի անգամ հանդիպեցինք նման երևույթի, և այն էլ իր պայծառությամբ նախորդներից շատ ետ էր մնում։

Այս հանգամանքը հավանորեն սերտ առնչություն ունի օվկիանոսի այդ մասում օրգանական էակների սակավության հետ։ Ծովի ֆոսֆորայնության մասին Էրենբերգի մանրակրկիտ հետազոտությունից հետո[101] իմ կողմից դիտողություններ անելն ավելորդ կլինի։

Սակայն ես կարող եմ ավելացնել, որ գուցե և Էրենբերգի նկարագրած այն միևնույն կտրտված և անկանոն դոնդողանման նյութի մասնիկներն ենք որ առաջացնում են այս երևույթը և՛ հարավային, և՛ հյուսիսային կիսագնդում։ Այդ մասնիկներն այնքան մանր էին, որ հեշտությամբ անցնում էին նուրբ հյուսված շղարշների միջից. այնուամենայնիվ շատերը պարզ երևում էին հասարակ աչքով։ Բաժակում լցրած ջուրը ցնցելիս՝ կայծեր էր առաջացնում, իսկ եթե մի փոքր քանակությամբ լցնեին ժամացույցի ապակու վրա, պայծառությունը շատ աննշան էր լինում։ Էրենբերգն ասում է, որ բոլոր այս մասնիկներն ունեն գրգռականություան որոշ աստիճան։ Իմ դիտողությունները, որոնք մասամբ կատարվել են ջուրը վերցնելուց անմիջապես հետո, տարբեր արդյունք են տվել։ Կարող եմ ավելացնել և այն, որ մի գիշեր ցանցը գործածելուց հետո թողի, որ նա մասամբ չորանա, և երբ տասներկու ժամ հետո նորից առիթ ունեցա այն գործածելու, նկատեցի, որ նրա ամբողջ մակերեսն այնպես պայծառ էր լուսավորված, ինչպես լինում է ջրից դուրս քաշելու ժամանակ։ Ինձ հավանական չի թվում, որ այս դեպքերում մասնիկներն այդքան երկար կարողանան կենդանի մնալ։ Մի անգամ Dianaea սեռին պատկանող մի հիդրոմեդուզա պահեցի ջրում մինչև նրա սատկելը. ջուրը, որի մեջ գտնվում էր նա, սկսեց լուսավորվել։ Երբ ալիքները շողշողում են բաց կանաչ կայծերով, կարծում եմ, որ այդ հետևանք է մանր խեցեմորթների ներկայության, բայց կասկած չկա, որ բազմաթիվ պելագիկ այլ կենդանիներ կենդանի հղած ժամանակները ֆոսֆորէսցենտ են։

Երկու անգամ ես նկատել եմ, որ ծովը մակերեսից բավականին ներքև, զգալի խորությամբ լուսավորված է եղել։ Պլատայի գետաբերանին մոտիկ մի քանի կլոր և ձվաձև տարածություններ, երկուսից չորս կանգուն տրամագծով և որոշակի շրջագծով, շողում էին մշտական, բայց դալուկ լույսով, մինչ շրջապատի ջուրը միայն երբեմն կայծեր էր տալիս։ Այդ տեսարանը նմանվում էր լուսնի կամ մի լուսավոր մարմնի անդրադարձմանը, որովհետև ծայրերը մակերեսի ալիքավորումից մանվածոտ էին դարձել։ Նավը, որն ակոսում էր տասներեք ոտնաչափ խորությամբ, անցնելով այս շերտերի վրայով չկարողացավ ոչնչացնել նրանց։

Այստեղից մենք կարող ենք ենթադրել, որ մի շարք կենդանիներ, իրար մոտ հավաքված, ավելի խոր տեղում էին գտնվում, քան նավի հատակը։

Ֆերնանդո Նորոնյայի մոտ ծովից դուրս էին գալիս լույսի բծեր։ Այդ շատ նման էր այն տեսարաններին, որոնք կարող են ստացվել, երբ լուսավոր հեղուկի միջից անցնի մի մեծ ձուկ։ Նավաստիներն այդպես էլ կարծում էին։ Սակայն նկատի ունենալով լույսի բծերի հաճախակիությունը և արագությունը, իմ մեջ որոշ կասկածներ առաջացան։ Ես արդեն նշել եմ, որ այդ երևույթը շատ ավելի սովորական է տաք երկրներում, քան ցուրտ, և երբեմն ինձ այնպես է թվացել, որ նրա առաջացման համար ամենանպաստավոր պայմանը մթնոլորտի խանգարված էլեկտրական վիճակն է։ Այնուամենայնիվ ես կարծում եմ, որ մի քանի օր համեմատաբար խաղաղ եղանակից հետո ծովն ավելի լուսավոր է լինում, և այդ ժամանակ նրա մեջ վխտում են զանազան կենդանիներ։ Նկատի ունենալով, որ դոնդողանման մասնիկներով լցված ջուրն անմաքուր է լինում, և ծովի լուսավորվածությունը բոլոր սովորական դեպքերում առաջանում է հեղուկն օդի ներկայությամբ ցնցվելուց, ուստի ես հակամետ եմ ընդունելու, որ այդ ֆոսֆորայնությունն արդյունք է օրգանական մասնիկների քայքայման, և որ այդ պրոցեսով (որ թերևս կարելի է անվանել մի տեսակ շնչառություն) օվկիանոսը մաքրվում է։

Դեկտենբերի 23.— Ժամանեցինք Պորտ Դեզիրե, որը գտնվում է Պատագոնիայի ափերին, 47° լայնության վրա։ Ծովախորշը մոտ քսան մղոն մտնում է ներս՝ դեպի ցամաքը, անհավասար լայնությամբ։ «Բիգլ»-ը խարիսխ գցեց մուտքից մի քանի մղոն ներս, սպանական մի հին բնակավայրի ավերակների դիմաց։ Նույն երեկոյան ես ափ դուրս եկա։ Մի նոր երկրում առաջին անգամ ցամաք դուրս գալը չափազանց հետաքրքրական է, մանավանդ երբ, ինչպես այս դեպքումն է, երկրի ամբողջ տեսքը մի ուշագրավ և ուրույն կնիք ունի։ Երկուսից երեք հարյուր ոտնաչափ բարձրությունում պորֆիրային զանգվածների վրա տարածվում է մի լայնատարած հարթավայր, որն իսկապես հատկանշական է Պատագոնիայի համար։ Մակերեսը կատարյալ հարթ է և կազմված է լավ կլորացրած մանր գետաքարերից, որոնց հետ խառն կա նաև սպիտակավուն հող։ Այստեղ և այնտեղ ցրված գտնվում են թելանման, թուխ գույնի խոտի փնջեր, իսկ շատ ավելի սակավ կարելի է հանդիպել փշոտ ցածր թփուտների։ Եղանակն այստեղ չորային է ու հաճելի, և գեղեցիկ կապույտ երկինքը շատ քիչ է մթագնում։ Եբբ մեկը կանգնում է այս ամայի հարթավայրերի մեջ և նայում դեպի երկրի խորքերը, սովորաբար տեսարանն ընդհատվում է մի այլ հարթավայրի սուր զառիթափով, որն ավելի բարձր է, բայց նույնչափ հարթ է և ամայի, բոլոր ուղղություններով հորիզոնն անորոշ է թրթռացող միրաժից, որն, ըստ երևույթին, բարձրանում է տաքացող մակերեսից։

Այնպիսի մի երկրում շատ շուտով վճռվեց սպանական գաղութի բախտը. եղանակի չորությունը տարվա մեծ մասում, և թափառական հնդիկների կրկնվող թշնամական հարձակումներն ստիպել էին այդ կոլոնիստներին լքել իրենց կիսավարտ շենքերը։ Այն ոճը, որով նրանք սկսել էինք ցույց է տալիս հին ժամանակների Սպանիայի ուժեղ և լիբերալ գործելակերպը։ 41°ից հարավ Ամերիկայի այս մասում գաղութ հիմնելու բոլոր փորձերը ողորմելի արդյունք տվել։ Պորտ Ֆեմին[102] անունը կազմող բառերն արտահայտում են մի քանի հարյուր թշվառ մարդկանց չարչարանքներն ու տառապանքները, որոնցից միայն մեկը կենդանի մնաց նրանց դժբախտության մասին պատմելու համար։ Սեն Ժոզեֆ ծովածոցի ափերին, Պատագոնիայում, հիմնվում է մի փոքրիկ գաղութ. բայց մի կիրակի օր հնդիկները հարձակում են գործում այս գաղութի վրա և, բացառությամբ երկուսի, կոտորում ամբողջ խումբը. այդ երկուսին երկար տարիներ իրենց մոտ պահում են որպես գերիներ։ Ռիո Նեգրոյում ես խոսում էի. այս մարդկանցից մեկի հետ, որը գտնվում էր խոր ծերության մեջ։

Պատագոնիայի Կենդանական աշխարհը նույնչափ սահմանափակ է, որչափ բուսականռւթյունը։[103] Այդ չոր հարթավայրերում պատահում են մի քանի սև բզեզներ (Heteromera), որոնք դանդաղորեն սողում են այս ու այն կողմ, և երբեմն էլ երևում են մողեսներ, որոնք նետի պես վազում են մի կողմից մյուսը։ Թռչուններից այստեղ կարելի է գտնել երեք գիշակեր բազե, իսկ հովիտներում՝ մի քանի տեսակ սարեկներ և միջատակերներ։ Իբիս թռչունը (Theristicus melanops — մի տեսակ, որը, ինչպես ասում են, գտնվում է Կենտրոնական Աֆրիկայում, նույնպես տարածված է ամենաամայի և չոր մասերում. նրանց ստամոքսներում ես գտա մորեխներ, ճպուռներ, փոքրիկ մողեսներ և մինչև անգամ կարիճներ։[104] Տարվա որոշ ժամանակում այս թռչունները թռչում են երամներով, իսկ մնացած ժամանակներում՝ զույգերով. նրանց ձայնը շատ բարձր է և եզակի, նման գուանակոյի խրխինջին։ Գուանակոն, կամ վայրի լաման, Պատագոնիայի հարթավայրերի բնորոշ չորքոտանին է. նա արևելքի ուղտի հարավային-ամերիկյան ներկայացուցիչն է։ Բնական վիճակում նա գեղակազմ կենդանի է, ունի բարակ երկար վիզ և նուրբ սրունքներ։ Նա շատ տարածված է մայր ցամաքի ամբողջ բարեխառն մասերում. նրան կարելի է հանդիպել հարավում մինչև Հոռն հրվանդանի մոտիկ կղզիները։ Նա սովորաբար ապրում է փոքր երամակներով, յուրաքանչյուր խումբ բաղկացած է վեցից մինչև երեսուն գուանակոյից. բայց մի անգամ, Սանտա Կրուսի ափերին մենք հանդիպեցինք մի երամի, որն առնվազն պետք է բաղկացած լիներ հինգ հարյուր գուանակոյից։

Ընդհանրապես սրանք լինում են վայրենի և վերին աստիճանի վախկոտ։ Մր. Ստոքսն ինձ պատմում էր, որ մի օր ինքը հեռադիտակով տեսել է այս կենդանիներից կազմված մի երամ, որոնք ըստ երևույթին վախեցած վազելիս են եղել լրիվ արագությամբ, թեև այնքան հեռու են եղել, որ ինքը հասարակ աչքով չի կարողացել տարբերել նրանց։ Որսորդը նրանց ներկայության առաջին նշաններն ստանում է ահագին հեռավորությունից եկող նրանց տագնապի յուրահատուկ զիլ խրխինջներից։ Եթե նա ուշադիր նայի, հավանորեն կտեսնի երամը մի հեռավոր բլրի կողքին մի գծի վրա շարված։ Մոտիկանալիս նրանք նորից են արձակում մի քանի ահաբեկված ձայներ և շարունակում իրենց փախուստը, որը թեև թվում է դանդաղ, բայց իսկապես արագ վազք է։ Նրանք գնում են շարունակ գործածվող մի նեղ շավղով դեպի մոտակա մի բլուր, իսկ եթե բախտի բերմամբ նա հանկարծ հանդիպի այս կենդանիներից մեկին կամ մի քանիսին միասին, սովորաբար նրանք կկանգնեն անշարժ և ուշի-ուշով, ապշած կնայեն նրան. գուցե մի քանի կանգուն շարժվենք որից հետո շուռ կգան և նորից կնայեն։ Հարց է առաջանում, թե ինչու, նրանք հեռվից և մոտիկից մարդու կողմից սպասվող վտանգների նկատմամբ տարբեր վերաբերմունք են ցուցաբերում։ Արդյոք նրանք հեռվում կանգնած մարդուն չե՞ն շփոթում իրենց գլխավոր թշնամի պումայի հետ, թե մոտիկ տարածության վրա հետաքրքրությունը ցրում է նրանց վախի զգացմունքը։ Որ նրանք հետաքրքրվող կենդանիներ են, այդ մասին կասկած չի կարող լինել, որովհետև եթե մի մարդ պառկի գետնին և կատարի տարօրինակ, միմոսական շարժումներ, ինչպես, օրինակ, ոտներն օդի մեջ պարզելը, նրանք գրեթե միշտ աստիճանաբար մոտ են գալիս՝ նրան մոտիկից դիտելու համար։ Այդ խորամանկությունը հաճախակի հաջողությամբ կրկնում էին և մեր որսորդները. միաժամանակ նույն դիրքում էլ սկսում էին հրացանները կրակել, որը համարվում էր այդ գործողության մի մասը։ Հրո Երկրի սարերում ես մի քանի անգամ տեսել եմ, թե ինչպես գուանակո տեսնելիս, երբ մոտեցել եմ նրանք նա ոչ մի այն խրխնջացել և զանազան տարօրինակ ձայներ է արձակել, այլ և ամենածիծաղելի ձևերով կանգնել է հետևի ոտքերի վրա և ցատկոտել այս ու այն կողմ, ըստ երևույթին հարձակում էր սպասում։ Այս կենդանիները շատ հեշտությամբ են ընտելանում, և ես տեսել եմ նրանցից մի քանիսը հյուսիսային Պատագոնիայում մի տան մոտ պահելիս, որոնք ազատ են եղել որևէ սահմանափակումից։ Այսպիսի ընտելացած գուանակոները շատ համարձակ են լինում և հեշտությամբ հարձակվում են մարդու վրա և երկու ծնկներով խփում նրա կռնակին։ Ասում են, որ այս հարձակումների շարժառիթը նրանց՝ էգերի նկատմամբ ունեցած խանդն է։ Վայրի գուանակոները պաշտպանվելու մասին ոչ մի գաղափար չունեն, մինչև անգամ մի շուն առանձին կարող է պահել այս կենդանիրերից մեկին մինչև որսորդի գալը։ Իրենց մի շարք սովորություններով նրանք նման են հոտի մեջ գտնվող ոչխարներին։ Այսպես՝ երբ նրանք տեսնում են մարդկանց ձիու վրա զանազան կողմերից մոտենալիս, անմիջապես շփոթվում են և չեն իմանում, թե ինչ ուղղությամբ փախչեն։ Այս մեծ չափով հեշտացնում է հնդիկների եղանակով նրանց որսալը, որովհետև այսպիսով նրանց հեշտությամբ կարելի է քշել մի կենտրոնական վայր և շրջապատելով բռնել։

Գուանակոները շատ հեշտությամբ են մտնում ջուրը. Պորտ Վալդեսում մի քանի անգամ նրանք երևացել են մի կղզուց մյուսը լողալիս։ Բայրոնն[105] իր հովային ճանապարհորդության մեջ ասում է, որ նա տեսել է այս կենդանիներին աղի ջուր խմելիս։ Մեր սպաներից մի քանիսը ևս տեսել են այս կենդանիների մի երամ, որոնք, ըստ երևույթին, խմելիս են եղել Բլանկո հրվանդանի մոտ մի սալինայից հոսող աղի ջրից։ Իմ կարծիքով՝ այդ երկրի մի քանի մասերում, եթե նրանք աղի ջուր չխմեն, ուրիշ ոչ մի ջուր չեն գտնի խմելու։ Կեսօրներին նրանք հաճախ թավալում են փոշու մեջ, ձագարանման փոսերում։ Արուները կռվում են իրար հետ։ Մի օր երկուսն անցան իմ կողքից, որոնք ամեն կերպ աշխատում էին կծոտել իրար. մեր սպանածների մեծ մասի մորթու վրա խորը սպիներ կային։ Երբեմն գուանակոյի երամները դուրս են գալիս հետախուզության. մի օր Բահիա Բլանկայում, որտեղ, ափից երեսուն մղոն ներս, այս կենդանիները շատ հազվագյուտ են դառնում, տեսա երեսունից քառասուն գուանակոյի ոտնահետքեր, որոնք ուղիղ գծով եկել էին դեպի աղի ջրի մի տղմոտ խորշ։ Նրանք պետք է նկատած լինեին, որ մոտեցել են ծովին, որովհետև կանոնավոր հեծելազորի նման նրանք շուռ էին եկել և վերադարձել նույնպիսի ուղիղ գծով։ Գուանակոներն ունեն մի տարօրինակ սովորություն, որն ինձ համար բոլորովին անբացատրելի է։ Նրանք մի քանի օր իրար հետևից իրենց աղբը թափում են միևնույն որոշ կույտի վրա։ Ես տեսա այսպիսի մի կույտ, որն ուներ մոտ ութ ոտնաչափ տրամագիծ և պարունակում էր մեծ քանակությամբ աղբ։ Ըստ Մ. Ա. դ’Օրբինիի՝ այս սովորությունն ընդհանուր է այդ սեռի բոլոր տեսակների համար։ Պերուի հնդիկների համար այդ շատ օգտակար է. նրանք այդ աղբը գործածում են որպես վառելիք և այս սովորության շնորհիվ ազատվում են այն հավաքելու նեղությունից։

Գուանակոյի համար, թվում է թե, գոյություն ունեն առանձին սիրած տեղեր՝ պառկելու սատկելու համար։ Սանտա Պրուսի ափերին որոշ սահմանափակ տարածություններ, որոնք սովորաբար մացառուտ էին լինում և բոլորն էլ գետին մոտիկ, գետինն սպիտակել էր ոսկրներից։ Այսպիսի մի տեղում ես հաշվեցի տասից քսան գլուխ։ Ես առանձնապես քննեցի ոսկրներլը՝ պարզելու համար, թե արդյոք նրանք ևս ցրված ոսկրների նման քերծված կամ ջարդված չէին, որոնք այդտեղ կարող էին հավաքված լինել գիշատիչ գազանների կողմից, բայց չգտա և ոչ մի ոսկր, որ այդպես լիներ։ Պետք է որ այս կենդանիները մեծ մասամբ, նախքան սատկելը, սողացած լինեին այդ մացառների կողքերից և տակից։ Մր. Բայնոն ինձ տեղեկացնում է, որ առաջներում կատարած իր մի ճանապարհորդության ժամանակ նա նույն բաները նկատել է և Ռիո Գալեգոսի արփերին։ Սրա պատճառը ես բոլորովին չեմ հասկանում, բայց կարող եմ ավելացնել, որ Սանտա Կրուսում վիրավոր գուանակոները միշտ քայլում էին դեպի գետը։ Սանտ Յագոյում (Կանաչ Հրվանդանի կղզիներում) ես հիշում եմ մի կիրճում մի մեկուսացած անկյուն, որը ծածկված էր այծի ոսկրերով. այդ տեսնելիս մենք բացագանչեցինք, որ այդ վայրը կղզու բոլոր այծերի գերեզմանոցն է։ Այս չնչին մանրամասնությունները ես հիշատակում եմ այն նպատակով, որ երբեմն սրանցով կարելի է բացատրել քարանձավում գտնվող կամ ջրի բերած տղմի տակ թաղված՝ չվնասված, ամբողջական ոսկրների ծագումը, ինչպես և պարզել, թե ինչու որոշ կենդանիներ ավելի շատ կարելի է գտնել թաղված սեդիմենտային նստվածքների մեջ, քան մյուսները։

Մի անգամ Մր. Չեֆերսի ղեկավարությամբ մակույկը, երեք օրվա նախապատրաստությամբ, ուղարկվեց նավահանգստի վերին մասը հետազոտելու համար։ Առավոտ յան մենք սկսեցինք որոնել մի քանի առվակներ, որոնք հիշատակված էին սպանական մի հին քարտեզում։ Մի խորշ գտանք, որի ծայրին գտնվում էր աղի ջրով մի կարկաչուն վտակ (այդ առաջին աղի վտակն էր, որ մենք գտնում էինք)։ Այստեղ մակընթացությունն ստիպեց մեզ մի քանի ժամ սպասել, և այղ ժամանակամիջոցում ես մի քանի մղոն գնացի երկրի ներսերը։ Այստեղ ևս մյուս տեղերի նման հարթավայրը ծածկված էր խիճերով, որոնք հողի հետ խաոնված՝ հարթավայրին տվել էին կավճի տեսք, բայց իհարկե, իր բնույթով բnլորովին տարբերվում էր նրանից։ Այս նյութերի փափկությունից այդ հարթավայրը մաշվել և վերածվել էր բազմաթիվ հեղեղատների։ Ոչ մի ծառ չէր երևում, և, բացառությամբ գուանակոյի, որը որպես իր երամի արթուն պահապան կանգնած էր լինում բլրի ծայրին, հազիվ թե գտնվեր մի այլ կենդանի կամ թոչուն։ Ամենուրեք տիրապետում էր ամայությունն ու լռությունը։ Այնուամենայնիվ այս տեսարաններից անցնելիս, որտեղ չկա և ոչ մի զվարթացնող առարկա մարդու հոգում առաջանում է հաճույքի մի անորոշ, բայց ուժեղ զգացմունք։ Մարդ իրեն ակամայից հարց է տալիս, թե քանի՜-քանի տարիներ այս հարթավայրն այսպես գոյություն է ունեցել և ո՜րչափ ժամանակ էլ նա դատապարտված է այսպես մնալռւ։


«Ոչ ոք չի կարող պատասխանել, ամեն ինչ հավերժական է թվում այժմ։
Անապատն ունի մի խորհրդավոր լեզու,
Որը ներշնչում է երկյուղալի կասկածներ»։[106]

Երեկոյան մի քանի մղոն ևս նավարկեցինք առաջ և ապա գիշերելու համար կանգնեցրինք մեր վրանները։ Հաջորդ օրը կեսօրին մակույկը գետնի մեջ խրվեց և ջրի ծանծաղությունից այլևս առաջ շարժվել չէր կարող։ Որովհետև ջուրը մասամբ անուշահամ էր, Մր. Չեֆերսը վերցնելով հնդկական նավակը՝ երկու-երեք մղոն ևս շարժվեց դեպի վեր, որտեղ մակույկը նորից խրվեց գետնի մեջ, բայց այս անգամ անուշահամ ջրով գետի մեջ։ Ջուրը տղմոտ էր, և թեև այդ առուն աննշան մեծություն ուներ, նրա ծագումը դժվար էր վերագրել որևէ այլ բանի, եթե ոչ Կորդիլյերների ձյան հալոցքին։ Այնտեղ, որտեղ մենք իջել էինք, շրջապատված էինք դուրս ցցված խարակներով և պորֆիրային դիք քարափներով։ Չեմ կարծում, որ երբևէ ես տեսել եմ մի տեղ, որն ավելի առանձնացած լիներ աշխարհի մնացած մասերից, քան այս ժայռոտ փոսն էր, այս ընդարձակ հարթավայրի վրա։

Նավակայանր վերադառնալուց հետո երկրորդ օրը ես և մի քանի սպա գնացինք հետազոտելու հնդկական մի հին գերեզման, որը ես գտել էի մոտակա մի բլրի գագաթին։

Երկու խոշոր քար, որոնցից յուրաքանչյուրը հավանորեն կկշռեր առնվազն երկու տոնն, դրված էին վեց ոտնաչափ բարձր ժայռագոտու առջև։ Գերեզմանի հատակին պինդ քարի վրա կար մեկ ոտնաչափ խորությամբ հող, որը պետք է որ ներքևից, դաշտից բերած լինեին։ Նրա վերևը սալարկված էր տափակ քարերով, որի վրա կիտված էին այլ քարեր, ըստ երևույթին ժայռագոտու և երկու մեծ քարերի միջի տարածությունը լցնելու համար։ Գերեզմանը լրացնելու համար հնդիկներին հաջողվել էր ժայռագոտուց պոկել մի մեծ բեկոր, որը դրված էր բոլորից վերև, ծածկելով երկու քարեըը։ Մենք երկու կողմից էլ սկսեցինք փորել գերեզմանը, բայց ոչ մի մնացորդ չգտնվեց նրա մեջ, մինչև անգամ չէր մնացել և ոչ մի ոսկր։ Հավանորեն ամեն ինչ քայքայված է եղել շատ առաջ (այդ ցույց է տալիս, որ այդ գերեզմանը պետք է վերին աստիճանի հին լինի), որովհետև մի այլ տեղում ես գտա մի քանի համեմատաբար փոքր կույտեր, որոնց տակ գտնվեցին փշրված, հազիվ նշմարելի մարդկային մնացորդներ։ Ֆալկոներն ասում է, որ հնդիկը մեռնելիս նույն տեղում էլ նրան թաղում են, բայց հաճախ նրա ոսկրներն զգուշությամբ հավաքում և տանում թաղում են ծովափնյա մի տեղ, որչափ էլ ծովը հեռու լինի։ Իմ կարծիքով՝ այս սովորությունը պետք է վերագրել այն հանգամանքին, որ նախքան ձի ներմուծելն այստեղի հնդիկներն ապրել են գրեթե այն կյանքով, ինչ որ այժմ Հրո Երկրի բնակիչների մոտ ենք տեսնում, ուuտի և պետք է որ ընդհանրապես բնակած լինեն, ծովափերին մոտակա վայրերում։ Այն ընդհանուր նախապաշարումը, որ պետք է թաղվել այնտեղ, որտեղ պապերն են թաղվել, ստիպել է այժմյան թափառող հնդիկներին իրենց մեռածների համեմատաբար ուշ քայքայվող մասերը բերել և թաղել ծովափին գտնվող հին գերեզմանոցում։

Հունվարի 9, 1834.— Նախքան մթնելը «Բիգլ»-ը խարիսխ գցեց Պորտ Սեն Խուլիանի գեղեցիկ և լայն նավակայանում, որը գտնվում է մոտ հարյուր տասը մղոն Պորտ Դեզիրեից հարավ։ Այստեղ մնացինք ութ օր։ Հարթավայրերն այստեղ գրեթե նման են Պորտ Դեզիրեի շրջապատի տարածություններին, բայց հավանորեն ավելի անբերրի են։ Մի օր մի խումբ, կապիտան Ֆից Ռոյի հետ միասին, շրջագայեց նավահանգստի շրջապատը։ Տասնևմեկ ժամ էր, որ մենք ոչ մի կաթիլ ջուր չէինք խմել, և մեր ընկերներից մի քանիսը կատարյալ ուժասպառ էին եղել։ Մի բլրի գագաթից (որն այդ օրվանից սկսած իրավացիորեն կոչվում է Ծարավ Բլուր) նկատվեց մի գեղեցիկ լիճ, և խմբի անգամներից երկուսը գնացին ջրի անուշ կամ աղի լինելն իմանալու. և պայմանական նշանով տեղեկացնելու մեզ։ Ո՜րչափ մեծ էր մեր հիասթափությունը, երբ պարզվեց, որ այդ խորանարդաձև խոշոր բյուրեղներով և ձյան չափ սպիտակ աղով ծածկված տարածություն էր։

Մենք մեր ծայր աստիճանի ծարավությունը վերագրում էինք մթնոլորտի չորության. ինչ էլ որ լիներ պատճառը, մենք չափազանց ուրախ էինք, որ ուշ երեկոյան վերադարձանք նավակները։ Թեև մեր այցելության ամբողջ ընթացքում ոչ մի տեղ ոչ մի կաթիլ ջուր չգտնվեց, սակայն պետք է որ մոտակա տեղերում մի տեղ ջուր լիներ, որովհետև ծովածոցի ծայրից ոչ հեռու աղի ջրի մակերեսին պատահականորեն ես գտա մի կոլիմբետա (Colimbetes), կիսամեռ դրությամբ, որը պետք է ապրած լիներ ոչ հեռու գտնվող լճակներից մեկում։ Երեք այլ միջատ (մի Cicindella, նման hybrida-յի, մի Cymindis և մի Harpalus, որոնք բոլորն էլ ապրում են ծովի կողմի հեղեղվող տղմոտ տափարակներում) և մի ուրիշը, որը գտնվեց դաշտում մեռած, լրացնում են բզեզների ցուցակը։ Չափազանց առատ էր մի բավականին մեծ ճանճ (Tabanus) և խիստ նեղում էր մեզ իր տաժանելի կծոցներով։ Սովորական ձիապիծակը, որն այնքան նեղություն չէ տալիս Անգլիայի ստվերոտ նեղ ճանապարհներում, պատկանում է այս սեռին։ Այստեղ մենք կանգնում ենք մի հանելուկային հարցի առաջ, մանավանդ երբ հանդիպում ենք մժղուկների — ի՞նչ կենդանու արյունով են սնվում այս միջատներն ընդհանրապես։ Գրեթե միակ տաքարյուն չորքոտանին գուանակոն է, և նա, այս միջատների բազմության հետ համեմատած, չափազանց փոքր թիվ է կազմում։

Պատագոնիայի երկրաբանությունը հետաքրքրական է։ Ի տարբերություն Եվրոպայից, որտեղ երրորդական ֆորմացիաները թվում է թե կուտակված են ծովածոցերում, այստեղ ափի երկայնքով հարյուրավոր մղոններ մենք ունենք մի մեծ նստվածք, որի մեջ գտնվում են բազժաթիվ երրորդական խեցիներ, բոլորն էլ, ըստ երևույթին, անհետացած։ Ամենատարածված խեցին մի մասսիվ վիթխարի ոստրե է, որը երբեմն ունենում է մինչև անգամ մեկ ոտնաչափ տրամագիծ։ Այս շերտերը ծածկված են առանձնահատուկ փափուկ սպիտակ քարից կազմված այլ շերտերով, որոնք պարունակում են շատ գիպս և նման են կավճի, բայց իրապես ունեն պեմզային բնույթ։ Այս ֆորմացիան խիստ նշանակալի է նրանով, որ կազմված է, առնվազն իր զանգվածի մեկ տասերորդ մասով, ինֆուզորիայից։ Պրոֆեսոր Էրենբերգն արդեն հայտնաբերել է նրա մեջ երեսուն օվկիանոսային ձևեր։ Այս շերտն օվկիանոսի երկայնքով տարածվում է մինչև հինգ հարյուր մղոն կամ, հավանորեն, շատ ավելի մեծ հեռավորության վրա։ Պորտ Սեն Խուլիանում նրա հաստությունն անցնում է 800 ոտնաչափից։ Այս սպիտակ շերտերն ամենուրեք ծածկված են մանրախճի զանգվածով՝ կազմելով հավանորեն աշխարհի խճային շերտերից ամենամեծերից մեկը։ Նա անպայման սկսվում է Ռիո Կոլորադոյի մոտից և տարածվում 600-ից մինչև 700 ծովային մղոն դեպի հարավ։ Սանտա Կրուսի մոտ (մի գետ է Սեն Խուլիանից քիչ հարավ) նա հասնում է Կորդիլյերների ստորոտին։ Գետի կեսից սկսած դեպի վեր նրա հաստությունն անցնում է 200 ոտնաչափից. հավանորեն ամեն տեղ նա տարածվում է մինչև այս մեծ լեռնաշղթան, որտեղից առաջացել են պորֆիրի լավ կլորացրած խճերը։ Նրա միջին լայնությունը կարող ենք հաշվել 200 մղոն, իսկ միջին հաստությունը՝ մոտ 50 ոտնաչափ։ Եթե խճերի այս մեծ շերտը, չհաշված նրանց մաշումից առաջացած տիղմը, իրար վրա հավաքվեր թմբի ձևով, նա կկազմեր մի մեծ լեռնաշղթա։ Երբ աչքի առաջ ենք ունենում, որ այս բոլոր խճերը, որոնք անապատի ավազի պես անհաշիվ են, առաջացել են հին ծովափերին և գետափերին գտնվող ապառաժային զանգվածների աստիճանաբար փշրվելուց և ապա մեծ կտորները մանր կտորների վերածվելուց, որոնք այնուհետև դանդաղ գլորվել, կլորացել և փոխադրվել են այսքան հեռու,— ապշում ենք՝ մտածելով այդ երկար և բացարձակորեն անհրաժեշտ ժամանակի տևողության մասին։ Բայց այս խճերն էլ տեղափոխվել և հավանորեն կլորացել են այս սպիտակ շերտերը նստելուց հետո և այդ շերտի տակը գտնվող և երրորդային խեցիներ պարունակող շերտերից շատ ավելի հետո։

Այս հարավային կոնտինենտում (մայր ցամաք) ամեն ինչ կատարվել է մեծ մասշտաբներով. Ռիո Պլատայից մինչև Հրո Երկիրն ընկած տարածությունը, մոտ 1200 մղոն, ամբողջությամբ բարձրացել է (և Պատագոնիայում 300-ից 400 ոտնաչափ) այժմ գոյություն ունեցող ծովային խեցիների պերիոդում) հին և հողմնահարված խեցիները, որոնք ընկած են բարձրացած հարթավայրի մակերեսին, դեռ մասամբ պահում են իրենց գույները։ Վեր բարձրանալու պրոցեսն ընդհատվել է առնվազն դադարի ութ երկարատև, պերիոդներով, և այդ ժամանակամիջոցում նորից ծովը խուժել է ցամաքի խորքերը՝ կազմելով տարբեր բարձրության գահավանդների կամ զառիթափների երկար շարքեր, որոնք մեկը մյուսի հետևից աստիճանաձև բարձրանալով, տարբեր հարթավայրերը բաժանում են իրարից։ Բարձրացող շարժումը և ծովի ներս խուժելու ուժը դադարի պերիոդում, ծովափի երկայնքով, հավասար են եղել, որովհետև ես զարմացել էի գտնելով, որ աստիճանաձև բարձրացող հարթավայրերը հեռավոր կետերում կանգնում են գրեթե համապատասխան բարձրությունների վրա։ Ամենացածր հարթավայրի բարձրությունը 90 ոտնաչափ է, իսկ ամենաբարձրը, որ ես բարձրացա ծովափի մոտ, 950 է, և այս հարթավայրի միայն հետքերն են մնացել հարթ բլրի ձևով՝ ծածկված խճով։ Սանտա Կրուսի վերին հարթավայրը հետզհետե բարձրանում է մինչև Կորդիլյերները, որոնց ստորոտին նրա բարձրությունը հասնում է 3000 ոտնաչափի։ Ես ասացի, որ գոյություն ունեցող ծովախեցիների պերիոդում Պատագոնիան բարձրացել է 300-ից 400 ոտնաչափ. կարող եմ ավելացնել և այն, որ երբ սառցասարերը տեղափոխում էին վալունները Սանտա Կրուսի վերին հարթավայրերից, այդ ժամանակաշրջանում նրա բարձրացումն առնվազն եղել է 1500 ոտնաչափ։ Պատագոնիան միայն դեպի վեր շարժումներին չէ որ ենթարկվել է, ըստ պրոֆեսոր Ֆորբսի, Սեն Խուլիանի և Սանտա Կրուսի՝ անհետացած երրորդային խեցիները չէին կարող ապրել 40-ից մինչև 250 ոտնաչափից ավելի խորը ջրերում, բայց այժմ նրանք ծածկված են ծովի հատակին գոյացած 800-ից մինչև 1000 ոտնաչափ հաստություն ունեցող շերտերով։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ ծովի հատակը, որի վրա մի ժամանակ ապրել են այս խեցիները, պետք է մի քանի հարյուր ոտնաչափ ներքև իջած լինի, որպեսզի հնարավոր լիներ վերանիստ շերտերի առաջացումը։ Ինչպիսի՜ երկրաբանական փոփոխությունների պատմություն է բացում Պատագոնիայի պարզ կաոուցվածք ունեցող ծովափը։[107]

Պորտ Սեն Խուլիանում, կարմիր տղմի մեջ, որը ծածկում էր խճերը 80 ոտնաչափ բարձրության հարթավայրի վրա, ես գտա Macrauchenia patachonica-յի կմախքի կեսը, մի նշանավոր չորքոտանի, որ ունի ուղտի լրիվ մեծություն։ Այս կենդանին ռնգեղջյուրի, տապիրի և պալեոթերիումի հետ պատկանում է հաստամորթների (Pachydermata) դասին, բայց իր երկար վզի ոսկրների կառուցվածքով նա ցուցաբերում է ուղտի կամ ավելի շուտ գուանակոյի կամ լամայի պարզ նմանություն։ Ելնելով ներկայումս գոյություն ունեցող ծովային խեցիներից, որոնք գտնվել են բարձր սանդղաձև երկու հարթավայրերի վրա, որոնք պետք է կազմված և բարձրացած լինեն նախքան տղմի նստելը, որի մեջ թաղված էր Macrauchenia-ն, պարզվում է, որ այս հետաքրքրական չորքոտանին ապրել է շատ ավելի հետո, քան ծովի ներկա խեցիներով բնակվելը։ Սկզբում ես շատ էի զարմացել, թե ի՛նչպես կարող էր այդպես մի մեծ չորքոտանի, այդքան ուշ, գոյություն ունեցան լինել 49°15՛ լայնության տակ, այս աղքատ բուսականությամբ և խճերով ծածկված հարթավայրի վրա։ Բայց Macrauchenia-յի ազգակցությունը գուանակոյի հետ, որն ապրում է այս հարթավայրի ամենաչոր մասերում, մասամբ բացատրում է այս դժվար հարցը։

Մակրաուխենիայի և գուանակոյի, տոքսոդոնի և ջրախոզի միջև եղած ազգակցական կապը, թեև հեռավոր, ինչպես և մոտիկ հարաբերությունները բազմաթիվ անհետացած թերատամների (Edentata) և այժմ ապրող համրուկների, մրջնակերների և զրահակիրների միջև, որոնք այժմ այնքան բնորոշ են հարավ-ամերիկյան կենդանական աշխարհի համար, և վերջապես է՛լ ավելի մոտիկ ազգակցությունը կտենոմիսի (Ctenomys) և ջրային խոզերի (Hydrochaerus) բրածո և այժմ ապրող տեսակների չափազանց հետաքրքրական փաստեր են։ Այս ազգակցությունն սքանչելիորեն ցուցադրված է նույն չափ սքանչելի, որչափ Ավստրալիայի բրածո և անհետացած պարկավոր կենդանիների միջև եղած ազգակցության ցուցադրում է վերջերս Բրազիլիայի քարանձավներից հավաքված և Եվրոպա բերված՝ պարոնայք Լունդի և Կլաուզենի կոլեկցիայի միջոցով։ Այս կոլեկցիայում կոն քարանձավային շրջաններում ապրող ցամաքային բոլոր չորքոտանիների երեսուներկու սեռերի բացառությամբ չորսի, անհետացած տեսակները և անհետացած տեսակները շատ ավելի բազմաթիվ են, քան այժմս ապրողները։ Նրանց մեջ կան բրածո մրջնակերներ, զրահակիրներ, տապիրներ, պեկարներ, գուանակոներ, պարկամկներ, և բազմաթիվ հարավ-ամերիկյան կրծողներ, կապիկներ և այլ կենդանիներ։ Այս զարմանալի ազգակցությունը մեռածի և ապրողի մեջ, միևնույն ցամաքամասում, անկասկած հետագայում ավելի շատ լույս է սփռելու մեր երկրի մակերեսին օրգանական էակների երևալու, ինչպես և անհետանալու վրա, քան որևէ այլ կարգի փաստ։

Չի կարելի առանց խորը զարմանքի մտածել ամերիկյան մայր ցամաքի փոփոխվող վիճակի մասին։ Առաջ այնտեղ խռնված են եղել մեծ հրեշային կենդանիներ, իսկ այժմ ենք այնտեղ գտնում ենք համեմատած իրենց նախընթաց ազգակից ցեղերի հետ, միայն թզուկներ։ Եթե Բյուֆոնը ծանոթ լիներ հսկա համրուկներին, զրահակիրանման կենդանիներին և անհետացած հաստամորթներին (Pachydemiata), նա հավանորեն չէր ասի, որ արարչական ուժը երբեք մեծ զորություն չի ունեցել, այլ կասեր, մեծ հիմնավորումով, որ նա Ամերիկայում կորցրել էր իր ուժը։ Այս անհետացած չորքոտանիների մեծ մասը, եթե ոչ բոլորը, ապրել են վերջին ժամանակաշրջաններից մեկի ընթացքում և ժամանակակից են եղել այժմ գոյություն ունեցող ծովային խեցիների մեծ մասին։ Նրանց ապրելու ժամանակաշրջանում ցամաքի ձևի մեջ մեծ փոփոխություններ տեղի ունեցած չեն կարող լինել։ Ուրեմն ի՞նչը կարող էր բոլորովին ոչնչացնել այդքան շատ տեսակներ և ամբողջ սեռեր։ Մարդու միտքն սկզբում անդիմադրելիորեն շտապում է հավատալու, որ տեղի են ունեցել որոշ մեծ կատաստրոֆիներ. բայց որպեսզի ոչնչանան հարավային Պատագոնիայից Բրազիլիայի, Պերուի, Կորդիլյերների, ամբողջ Հյուսիսային Ամերիկայի (մինչև Բերինգյան նեղուցը) կենդանիները, մեծ կամ փոքր, դրա համար անհրաժեշտ է ցնցել երկրի ամբողջ սիստեմը։ Բացի այդ, Լա Պլատայի և Պատագոնիայի երկրաբանության ուսումնասիրությունը մեզ այն համոզման է բերում, որ ցամաքի մակերեսի բոլոր ձևերն արդյունք են դանդաղ և աստիճանական փոփոխության։ Եվրոպայի, Ասիայի, Ավստրալիայի և Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների բրածոների բնույթից ելնելով՝ կարելի է ասել, որ այն պայմանները, որոնք նպաստավոր են խոշոր չորքոտանիների կյանքի համար, համատարած կերպով գոյություն են ունեցել աշխարհում նրանց վերջանալուց հետո էլ. թե ինչ պայմաններ են եղել անհետացման համար, ոչ ոք դեռ մինչև անգամ չի ենթադրել։ Հազիվ թե այդ ջերմաստիճանի փոփոխություն լիներ, որը գրեթե միևնույն ժամանակում ոչնչացներ արևադարձային, բարեխառն և սառուցյալ գոտիների բնակիչներին, երկրագնդի երկու կողմերում էլ։ Հյուսիսային Ամերիկայում մենք դրականապես գիտենք մր. Լայելից, որ մեծ չորքոտանիներն ապրել են այն ժամանակաշրջանից հետո, երբ վալունները բերվել են մինչև այն լայնությունները, որոնք հեռու են այժմվա սառցադաշտերի սահմաններից։ Համոզեցուցիչ անուղղակի պատճառներից կարող ենք վստահ ենթադրել, որ հարավային կիսագնդում մակրաուխենիան ևս ապրել է սառցադաշտերի փոխադրած վալունների ժամանակաշրջանից շատ հետո։ Արդյո՞ք մարդը չի ոչնչացրել ծանրաշարժ մեդաթերիումին, ինչպես և մյուս թերատամներին (Edentata), ինչպես ասում են՝ երբ առաջին անգամ արշավել է Հարավային Ամերիկա։ Համենայն դեպս Բահիա Բլանկայի փոքրիկ տուկու-տուկոյի և Բրազիլիայում մեր հանդիպած բազմաթիվ բրածո մկների և այլ փոքրիկ չորքոտանիների ոչնչացման պատճառներն այլ տեղ պետք է փնտրել։ Ոչ ոք չի կարող երևակայել, որ մի երաշտ, մինչև անգամ շատ ավելի խիստ, քան այն երաշտները, որոնք այդպիսի ավերմունքներ էին առաջացնում Լա Պլատա գավառում, կարող էր ոչնչացնել հարավային Պատագոնիայից մինչև Բերինգյան նեղուցն ընկած տարածության վրա գտնվող այդ տեսակների բոլոր անհատ անդամներին։ Իսկ ի՞նչ պիտի ասենք ձիու անհետացման մասին։ Արդյոք այդ հարթավայրերի արոտը չէ՞ր բավարարում նրան, հարթավայրեր, որոնք հետագայում հեղեղվել են սպանացիների ներմուծած ձիերի սերունդի կողմից հազարներով և հարյուր հազարներով։ Միթե հետագայում ներմուծված տեսակներն սպառե՞լ են նախընթաց վիթխարի ցեղերի սնունդը։ Կարո՞ղ ենք հավատալ, որ ջրախոզը խլել է տոքսոդոնի սնունդը, զուանակոն՝ մակրաուխենիայինը, գոյություն ունեցող փոքրիկ թերատամները (Edentata)՝ իրենց բազմաթիվ հսկա նախատիպերինը։ Իսկապես, աշխարհի երկար պատմության մեջ ոչ մի փաստ այնքան ապշեցուցիչ չէ, որքան նրա բնակիչների համատարած և կրկնվող բնաջնջումները։

Այնուամենայնիվ, եթե խնդրին նայենք այլ տեսակետով, ապա այդ այնքան հանելուկային չի լինի։ Մենք միշտ նկատի չենք ունենում, թե որչափ խորը մենք անգիտակ ենք յուրաքանչյուր կենդանու գոյության պայմաններին, և ոչ էլ միշտ հիշում ենք, որ որոշ խոչընդոտներ անընդհատ արգելակում են բնական վիճակում թողնված յուրաքանչյուր կազմակերպված էակի արագ բազմացումը։ Սննդի պաշարը, միջին հաշվով, մնում է կայուն, մինչդեռ յուրաքանչյուր կենդանու՝ բազմացման միջոցով շատանալու ձգտումը երկրաչափական է, և նրա զարմանալի հետևանքները ոչ մի տեղ այնքան ապշեցուցիչ չեն, որքան վերջին դարերում Եվրոպայից Ամերիկա տարած և վայրենացած մի քանի կենդանիների՝ բազմացումն է։ Բնական վիճակում թողնված յուրաքանչյուր կենդանի կանոնավորապես աճում է. բայց երկար ժամանակում գոյություն ունեցող տեսակի համար թվական մեծ աճ ակներևաբար անկարելի է և պետք է որ արգելակվի որոշ միջոցներով։ Այնուամենայնիվ մենք հազիվ թե ի վիճակի ենք ճիշտ կերպով ասելու տվյալ տեսակի համար, թե կյանքի որ շրջանին կամ տարվա որ շրջանին է ընկնում այդ արգելքը. գուցե և նա երկար ընդմիջումներից հետո է երևան գալիս, իսկ ի՞նչ է այդ արգելքի ճշգրիտ բնույթը։ Հավանորեն այդ է պատճառը, որ շատ քիչ զարմանք ենք զգում, երբ տեսնում ենք սովորություններով իրար խիստ մոտիկ երկու տեսակներ, որոնցից մեկը չափազանց սակավ է լինում միևնույն շրջանում, իսկ մյուսը՝ առատ, կամ թե չէ ինչու մեկը պետք է առատ լիներ մի շրջանում, իսկ մի ուրիշը, որը բնության տնտեսության մեջ միևնույն տեղն է գրավում, առատ՝ մի այլ հարևան շրջանում, որն իր պայմաններով առաջինից քիչ է տարբերվում։ Եթե հարցնեն, թե ի՛նչպես է, որ այդ այդպես է, մենք կպատասխանենք, որ այդ կարելի է բացատրել կլիմայի, սննդի քանակի կամ թշնամիների թվի չնչին տարբերություններով, բայց գրեթե երբեք չենք կարող նշել այդ արգելքների իսկական պատճառները և ներգործելու եղանակները։ Այսպիսով մենք հանգում ենք այն եզրակացության, որ այդ պատճառները, որոնք սովորաբար մեզ համար բոլորովին անըմբռնելի են, որոշում են տվյալ տեսակի առատ կամ սակավ լինելը։

Այն դեպքերում, երբ գտնում ենք մի տեսակի անհետացման հետքերը մարդու միջոցով՝ ամբողջովին կամ միայն որոշ շրջաններում, գիտենք, որ նա հետզհետե նվազում է և վերջիվերջո ոչնչանում, դժվար կլիներ ցույց տալ, թե ի՛նչ ճշգրիտ[108] տարբերություն գոյություն ունի մի որևէ տեսակի՝ իր բնական թշնամիների աճման և մարդու միջոցով ոչնչանալու մեջ։ Անհետացումից առաջ մի տեսակի սակավության նշաններն ավելի շատ աչքի են զարնում երրորդական հաջորդական շերտերում, ինչպես այն նկատել են մի քանի կարող դիտողներ. հաճախ պարզվում է, որ երրորդային շերտերում շատ տարածված խեցին այժմ շատ սակավ է պատահում և մինչև անգամ երկար ժամանակ այն համարվել է անհետացած։ Ուրեմն, եթե յուրաքանչյուր տեսակ նախ սակավանում է թվով, ապա անհետանում, որը հավանական է թվում, եթե յուրաքանչյուր տեսակի չափազանց արագ բազմացումը, մինչև անգամ այնպիսիների համար, որոնք ամենանպաստավոր պայմաններումն են, միշտ արգելակվում է, ինչպես այդ պետք է ընդունենք, թեև դժվարանում ենք ասել, թե ինչպես է կատարվում այդ և ե՛րբ, և եթե առանց ամենափոքր զարմանքի մենք տեսնում ենք, թեև անկարող ենք տալ ճշգրիտ պատճառը, թե ինչո՛ւ միևնույն շրջանում երկու իրար խիստ մոտիկ տեսակներից մեկն առատ է, իսկ մյուսը՝ սակավ, էլ ինչո՞ւ պիտի զարմանանք, որ հազվադեպությունն անհետացումից մի քայլ առաջ է։ Մի երևույթ տեղի ունենալով մեր շրջապատում և լինելով գրեթե աննկատելի, կարող է մի քայլ էլ առաջացնել, առանց մեր դիտողությանն արժանանալու։ Ո՞վ կզարմանար, եթե լսեր, որ մեգալոնիքսն առաջ ավելի սակավ է եղել մեգաթերիումի հետ համեմատած, կամ թե չէ բրածո կապիկներից մեկը թվով ավելի քիչ է եղել, քան այժմ ապրող որևէ մի կապիկ. մինչդեռ այս բաղդատական հազվադեպության մեջ պարզ երևում են նրանց գոյության նվազ նպաստավոր պայմանները։ Ընդունել, որ սովորաբար տեսակները հազվադեպ են դառնում անհետացումից առաջ, չզարմանալ մի տեսակի նկատմամբ մի այլ տեսակի հազվադեպ լինելու վրա և միաժամանակ օգնության կանչել մի գերբնական գործոն և մեծապես զարմանալ, երբ տեսակը դադարում է գոյություն ունենալուց,— ինձ համար այնքան բնական է, որքան ընդունել, որ հիվանդանալն անհատի կյանքում մահվան նախերգանքն է — չզարմանալ հիվանդության վրա, բայց երբ հիվանդը մեռնում զարմանալ, և հավատալ, որ նա մեռավ բռնությամբ։


ԻՆՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՍԱՆՏԱ ԿՐՈՒՍ, ՊԱՏԱԳՈՆԻԱ ԵՎ ՖԱԼԿԼԱՆԴԱԿԱՆ ԿՂԶԻՆԵՐ

Սատա Կրուս.— Էքսպեդիցիա գետի ընթացքով վեր.— Հնդիկներ.— Բազալտի լավայի վիթխարի հոսքեր.— Գետով չփոխադրվող բեկորներ.— Հովտի խորացումը.— Կոնդոր և նրա սովորությունները.— Կորդիլյերներ.— Թափառող մեծ վալուններ.— Հնդիկների թողած մնացորդներ.— Վերադարձ դեպի նավը.— Ֆալքլանդական կղզիներ.— Վայրի ձիեր, խոշոր եղջերավոր անասուններ, ճագարներ.— Գայլանման աղվես.— Ոսկրից պատրաստած կրակ.— Վայրի խոշոր եղջերավոր անասուններ որսալը.— Երկրաբանություն.— Քարերի հոսքեր.— Բնության վայրագության տեսարաններ.— Պինգվին.— Սագեր.— Դորիդի ձվերը.— Բարդ կենդանիներ։

Ապրիլի 13, 1834.— «Բիգլ»-ը խարիսխ գցեց Սանտա Կրուսի գետաբերանում։ Այս գետը գտնվում է Պորտ Սեն Խուլիանից մոտ վաթսուն մղոն հարավ։ Կապիտան Ստոքսն իր վերջին ճանապարհորդության ընթացքում երեսուն մղոն բարձրացավ գետով դեպի վեր, բայց պաշարի պակասության պատճառով ստիպված եղավ վերադառնալ։ Այս մեծ գետի մասին, բացառությամբ մի քանի հայտնագործումների, որոնք կատարվեցին այդ էքսպեդիցիայի ընթացքում, գրեթե ուրիշ ոչինչ հայտնի չէր։ Կապիտան Ֆից Ռոյն այժմ մտադրվել էր հետևել նրա ընթացքին այնքան, որքան ժամանակը թույլ կտար։ 18-ին դուրս եկան երեք կետորսական նավակներ՝ իրենց հետ վերցնելով երեք շաբաթվա պաշար։ Խումբը կազմված էր քսանհինգ մարդուց — մի ուժ, որը բավական կլիներ դիմադրելու հնդիկների որևէ զինված խմբի։ Ուժեղ մակընթացության տակ մի պարզ օր մենք բավականին հեռու գնացինք, շուտով խմեցինք անուշ ջուր և գիշերը գրեթե դուրս էինք եկել մակընթացության ազդեցությունից։ Գետն այստեղ այնպիսի ծավալ և տեսք էր ստացել, որ մինչև անգամ ամենաբարձր կետում, որ մենք հասանք, նա մնաց գրեթե առանց նվազելու։ Նա ուներ ընդհանրապես երեքից չորս հարյուր կանգուն լայնություն, իսկ մեջտեղում մոտ տասնյոթ ոտնաչափ խորություն։ Հոսանքի արագությունը, որն իր ամբողջ ընթացքում անցնում է մի ժամում չորսից վեց նավային մղոն, հանդիսանում է այդ գետի թերևս ամենազարմանալի կողմը։ Ջուրն ունի գեղեցիկ կապույտ, բայց մի փոքր կաթներանգ գույն և այնքան թափանցիկ չէ, որքան առաջին հայացքից կարող է թվալ։ Նա հոսում է խճերով ծածկված հունի վրայով, նման այն խճերին, որոնք կազմում են շրջակա հարթավայրերը և նավակայանը։ Նա հոսում է օձապտույտ հովտի միջով, որն ուղիղ տարածվում է դեպի արևմուտք։ Այս հովիտն ունի հնգից տասը մղոն լայնություն, նա եզերված է սանդղաձև տերրասներով, որոնք շատ տեղերում բարձրանում են մեկը մյուսի վրա մինչև հինգ հարյուր ոտնաչափ, և հակառակ կողմերում ունեն սքանչելի համապատասխանություն։

Ապրիլի 19.— Իհարկե, բոլորովին հնարավոր չէր նավարկել կամ թիավարել այդպիսի ուժեղ հոսանքի հակառակ ուղղությամբ, հետևաբար երեք նավակները ծայրերով և գլուխներով իրար կապեցինք և յուրաքանչյուրում թողնելով մի մարդ, մնացածներս եկանք ափ՝ հետախուզելու համար։ Որովհետև կապիտան Ֆից Ռոյի ընդհանուր դասավորությունները և կարգադրությունները շատ հաջող էին ընդհանուրի աշխատանքը հեշտացնելու համար, և որովհետև բոլորն էլ մասնակից էին այդ աշխատանքին, ուստի ես այդ ամբողջ սիստեմը նկարագրելու եմ։ Ամբողջ խումբն առանց բացառության բաժանվեց երկու ենթախմբի, որոնցից յուրաքանչյուրը փոխեփոխ մեկ և կես ժամ աշխատում էր նավակները գետի հակառակ հոսանքով առաջ մղելու համար։ Յուրաքանչյուր նավակի սպա ապրում և ճաշում էր իր նավի անձնակազմի հետ միասին և քնում միևնույն վրանում, այնպես որ յուրաքանչյուր նավակ կատարելապես անկախ էր մյուսներից։ Արևը մայր մտնելուց հետո առաջին հարթավայրը, որտեղ աճում էին թփուտներ, ընտրեցինք որպես գիշերելու վայր։ Յուրաքանչյուր նավաստի իր հերթին դառնում էր խոհարար։ Հենց որ նավակը քաշում էին և կապում, խոհարարը պատրաստում էր իր կրակը, իսկ երկու այլ նավաստիներ կանգնեցնում էին վրանը. նավակի ավագը նավից դուրս էր տալիս անհրաժեշտ իրերը, մյուսները տանում էին իրերը դեպի վրանները և վառելու համար փայտ հավաքում։ Այս կարգով կես ժամում ամեն ինչ պատրաստ էր լինում զիշերելու համար։ Երկու մարդ և մեկ սպա միշտ արթուն էին մնում նավակներին հսկելու, և կրակը վառ պահելու համար, ինչպես և հսկելու, որ խումբը հնդիկների հարձակման դեպքում հանկարծակիի չգա։ Խմբի յուրաքանչյուր անձնավորություն յուրաքանչյուր գիշեր պարտավորվում էր մի ժամով պահակ լինել։

Այդ օրը շատ քիչ տարածություն հետախուզեցինք, որովհետև գոյություն ունեցող բազմաթիվ կղզյակները, ծածկված փշոտ թփուտներով, շատ էին խանգարում մեր գործին, իսկ Կղզիների միջև եղած նեղուցները ծանծաղ էին։

Ապրիլի 20.— Մենք անցանք կղզիները և սկսեցինք մեր աշխատանքը։ Մեր մի ամբողջ օրվա սովորական անցած ճանապարհը, թեև բավականին դժվար, միջին հաշվով ուղիղ գծով տասը մղոնից չէր անցնի, իսկ ամբողջ անցածն իր ոլորապտույտներով գուցե լիներ տասնևհինգ կամ քսան մղոն։ Անցյալ գիշերվա մեր քնելու տեղից սկսած երկիրն ամբողջովին անհայտ, անծանոթ է, որովհետև այդտեղ էր, որ կապիտան Ստոքսը ետ դարձավ։

Հեռվում նկատեցինք մի մեծ ծուխ և գտանք մի ձիու կմախք, այնպես որ մեզ պարզ էր, որ հնդիկները մոտ են։ Հաջորդ առավոտը (21-ին) գետնին նկատվեցին ձիերի խմբի ոտնահետքեր, ինչպես և երկար նիզակների կամ չուսսների նշաններ, որոնք առաջացել էին նրանց ծայրերը գետնին քսելուց։ Ընդհանրապես մենք այն կարծիքին էինք, որ հնդիկները մեզ նկատել էին անցած գիշեր։ Քիչ անց՝ մենք եկանք մի տեղ, որտեղ մարդկանց, երեխաների և ձիերի թարմ ոտնահետքերից պարզ հայտնի էր որ նրանք գետն անցել էին։

Ապրիլի 22.— Երկրի տեսքը նույնն էր և վերին աստիճան ի անհետաքրքրական։ Ամբողջ Պատագոնիայում ամենից ավելի աչքի զարնող կողմը նրա պրոդուկցիաների կատարյալ համանմանությունն է։ Մանր խճերով ծածկված այդ անջրդի տափարակ հարթավայրերը ամենուրեք կրում են միևնույն նվազ և գաճաճ բույսերը, իսկ հովիտներում աճում են միևնույն փշերով պատած թփուտները։ Ամենուրեք մենք տեսնում էինք միևնույն թռչունները և միջատները։ Մինչև անգամ գետերի անմիջական թմբերը և այդ գետերը մտնող վճիտ ջրերով առվակների եզրերը հազիվ թե կենդանացած լինեին բուսական կանաչի քիչ ավելի պայծառ գույներով։ Անբերրիության նզովքը տարածվում է ցամաքի վրա, և խճերի հունի վրայից հոսող ջուրը բաժանում է այդ նույն անեծքը։ Այս է պատճառը, որ ջրահավերն այս վայրերում շատ սակավ են պատահում, որովհետև այս անպտուղ գետի մեջ ոչինչ չկա, որ կարողանա ապահովել հարուստ կյանքի ձևերի գոյությունը։

Պատագոնիան, թեև որոշ կողմերով աղքատ, կարող է սակայն ավելի շատ պարծենալ իր մեծ թվով մանր կրծողներով</ref>Ըստ Վոլնիի (tome I, p. 351) սիրիական անապատները բնորոշ են իրենց անտառային թփուտներով, բազմաթիվ առնետներով, գազելներով և նապաստակներով։ Պատագոնիայի տեսարաններում գուանակոն փոխարինում է գազելին, իսկ ագուտին՝ նապաստակին։</ref>, քան աշխարհի որևէ այլ երկիր։ Մկների մի քանի տեսակներ արտաքուստ աչքի են զարնում իրենց խոշոր, նուրբ ականջներով և վերին աստիճանի ընտիր մորթով։ Այս փոքրիկ կենդանիները վխտում են հովիտներում մացառների մեջ, որտեղ ամիսներով նրանք, բացի ցողից, ոչ մի կաթիլ ջուր չեն ճաշակում։ Նրանք բոլորն էլ թվում է թե ուտում են իրենց նմաններին, որովհետև հենց որ այդ մկներից մեկն ընկավ իմ թակարդը, մյուսներն սկսեցին լափել նրան։ Մի փոքրիկ և նրբակազմ աղվես, որ նույնպես շատ առատ է այստեղ, հավանորեն ամբողջովին սնվում է այս փոքրիկ կենդանիներով։ Գուանակոն նույնպես իր հարազատ շրջանումն է։ Հիսուն կամ հարյուր կենդանուց կազմված նրանց երամները այստեղ սովորական են. և մենք ինչպես ես արդեն հիշատակել եմ, մի անգամ տեսանք մի երամ, որն առնվազն պետք է կազմված լիներ հինգ հարյուր գուանակոյից։ Պուման կոնդորի և այլ գիշակեր բազեների հետ հետևում և գիշատում է այս կենդանիներին. գետափին ամենուրեք երևում էին պումայի ոտնահետքերը. և մի քանի գուանակոների մնացորդները, անջատված վզերով և ջարդված ոսկրներով, վկայում էին, թե ի՜նչ դաժան մահվան էին հանդիպել այդ կենդանիները։

Ապրիլի 24.— Հին ժամանակների ծովագնացների նման անհայտ երկրի մոտենալիս մենք քննում և դիտում էինք փոփոխության ամենաչնչին նշանները։ Մի ծառի լողացող բուն կամ նախնական ապառի մի վալուն մեր կողմից ողջունվում էին ցնծությամբ, կարծեք թե տեսնում էինք Կորդիլյերների լանջերին աճող մի անտառ։ Սակայն ամպերի խիտ եզրը, որը գրեթե միշտ մնում էր նույն դիրքում, հանդիսանում էր ամենանշանակալի տեսարանը և վերջիվերջո դառնում լեռների իսկական նախակարապետ։ Սկզբում ամպերը շփոթում էինք իսկական լեռների հետ և չէինք մտածում, որ դրանք գոլորշու զանգվածներ են, որոնք խտացել են շնորհիվ նրանց սառցապատ գագաթների։

Ապրիլի 26.— Այսօր պատահեցինք այդ հարթավայրերի երկրաբանական կառուցվածքի մի նշանակալի փոփոխության։ Մեկնելու հենց սկզբից ես շատ ուշադիր հետազոտել էի գետում գտնվող մանր խիճը, իսկ վերջին երկու օրը նկատել էի բազալտի վերին աստիճանի ծակոտկեն և մանր մի քանի խճեր։ Հետզհետե այս մանր խճերին փոխարինեցին մեծերը և առատացան, բայց ոչ մեկի մեծությունը մարդու գլխի մեծության չափ չէր լինի։ Այս առավոտ նույն ապառի խճերը, բայց ավելի հոծ, հանկարծակի առատացան և կես ժամից հետո հինգ կամ վեց մղոն հեռու, տեսանք բազալտի մեծ պլատֆորմի անկյունավոր ծայրը։ Նրա հիմքին հասնելիս պարզվեց, որ առվակը կարկաչելով հոսում է վայր ընկած քարակույտերի միջից։ Հաջորդ քսանութ մղոնի վրա գետի ընթացքը լցված էր այս բազալտային զանգվածներով։ Այդտեղից սկսած դեպի վեր հավասար առատությամբ գտնվում էին վալունային ֆորմացիայից առաջացած նախնական ապառների անհաշիվ բեկորներ։ Ոչ մի զգալի մեծության բեկոր գետի մի չէր տարվել իր մայր ապառից ավելի քան երեք կամ չորս մղոն։ Նկատի ունենալով Սանտա Կրուսի ջրի մեծ զանգվածի եզակի արագությունը և այն, որ ոչ մի տեղ հանդարտ հոսանքի չենք հանդիպում, չափազանց հետաքրքրական փաստ է դառնում է թե որչափ անզոր են մեծ գետերը մինչև անգամ միջին մեծության քարեր փոխադրելու։

Այդ բազալտն ամբողջությամբ լավա է, որը հոսել է ծովի տակով. բայց այդ ժայթքումները պետք է որ շատ մեծ չափերով տեղի ունեցած լինեն։ Այնտեղ, որտեղ առաջին անգամ հանդիպեցինք այս ֆորմացիային, նա ուներ հարյուր քսան ոտնաչափ հաստություն, շարժվելով գետի հոսանքի հակառակ ուղղությամբ դեպի վեր՝ գետինն աննկատելիորեն բարձրանում էր և զանգվածն ավելի հաստանում, այնպես որ առաջին կայանից քառասուն մղոն վեր նրա հաստությունը հասնում էր երեք հարյուր քսան ոտնաչափի։ Թե ինչ հաստության կարող է նա հասնել Կորդիլյերների մոտ, ես հնարավորություն չունեմ իմանալու, բայց այնտեղ պլատֆորմի բարձրությունը հասնում է, ծովի մակարդակից հաշված, երեք հազար ոտնաչափի։ Ուստի մենք պետք է այս լավայի աղբյուրը համարենք այդ մեծ շղթայի լեռները, և այսպիսի մի աղբյուրի են արժանի այն հոսքերը, որոնք հոսել են շատ փոքր թեքություն ունեցող ծովի հատակը կազմող մակերեսով մինչև հարյուր մղոն։ Հովտի հակառակ կողմում գտնվող բազալտային քարափները դիտելիս առաջին հայացքից ակներև էր դառնում, որ այդ շերտերը մի ժամանակ միացած են եղել։ Իսկ ի՞նչ ուժ է եղել, որ այդ շրջանից մի ամբողջ գծի երկայնքով հեռացրել տարել է վերին աստիճանի կարծր ապառի մի զանգված, որը միջին հաշվով ունեցել է մոտ երեք հարյուր ոտնաչափ հաստություն և երկուսից մինչև չորս մղոն լայնություն։ Գետը, որը թեև շատ քիչ ուժ ունի մինչև անգամ աննկատելի մեծության բեկորներ փոխադրելու, դարերի ընթացքում աստիճանական էրոզիայի (մաշում) միջոցով կարող էր այնպիսի մի էֆեկտ առաջացնել, որի չափի մասին դատելը դժվար է։ Բայց այս դեպքում այսպիսի մի աննշան գործող ուժից անկախ կարող են առաջանալ լավ փաստարկումներ, համոզվելու համար, որ այս հովիտը մի ժամանակ ծածկված է եղել ծովի մի բազուկով։ Կարիք չկա այս գրքում մանրամասն տալ այդ եզրակացությանը տանող փաստարկումները, մի եզրակացություն, որն ստացվում է հովտի երկու գտնվող աստիճանաձև տերրասների ձևից և բնույթից, Անդերի մոտ հովտի հատակն ավազաբլուրներով ծածկված մեծ էստուարանման հարթավայրի ձևով տարածվելու եղանակից, և վերջապես գետի հատակին գտնվող մի քանի ծովային խեցիների ներկայությունից։ Եթե գրքի ծավալը թույլ տար ինձ, ես կարող էի ապացուցել, որ Հարավային Ամերիկան նախապես այստեղից կտրված է եղել նեղուցով, Մագելլանի նեղուցի նման միացնելով Ատլանտյան օվկիանոսը Խաղաղ օվկիանոսի հետ։ Բայց հարց է առաջանում, թե ի՛նչպես է հեռացել այդ ամուր բազալտը։ Անցյալներում երկրաբանները կասեինք որ տեղի է ունեցել մի ուժեղ կատաստրոֆ, բայց այստեղ այս դեպքում այդպիսի ենթադրությունը բոլորովին անընդունելի կլիներ, որովհետև միևնույն աստիճանաձև հարթավայրերը, որոնց մակերեսներին տարածված են այժմ գոյություն ունեցող ծովային խեցիները, և որոնք տիրապետում են ամբողջ Պատագոնիայի երկար ծովափին, տարածվում են Սանտա Պրուսի հովտի երկու կողմերի վրա։ Ոչ մի հեղեղի հնարավոր ներգործություն չէր կարող այսպես կերպարանափոխել ցամաքը — հովիտը լինի այդ, թե բաց ծովափը, և այսպես աստիճանաձև հարթավայրեր կամ տերրասներ կազմվելուց է, որ հովիտն այսպես փոսացել է։ Թեև մեզ հայտնի է, որ Մագելլանի նեղուցի նեղ մասերում կան այնպիսի մակընթացություններ, որոնք ժամում անցնում են ութ նավային մղոն, բայց պիտի խոստովանենք, որ մարդու գլուխը պատվում է, երբ մտածում է այն տարիների և դարերի թվի մասին, որոնց ընթացքում առանց մեծ ալեկոծումների մաշվել է բազալտային լավայի այդպիսի մի հաստ և ընդարձակ տարածություն։ Այնուամենայնիվ մենք պետք է ընդունենք, որ այս հին նեղուցի ջրի միջոցով հիմքերը քանդված շերտերը կոտրտվելով վերածվել են ահռելի կտորների, և վերջիններս ծովեզերքին ցրված՝ նախ վերածվել են քիչ ավելի փոքր քարերի, ապա խճերի և վերջապես ամենամանր և անշոշափելի տղմի, որը մակընթացությունները և տեղատվությունները քշել տարել և կիտել են արևելյան կամ արևմտյան օվկիանոսի մեջ։

Այս հարթավայրերի երկրաբանական կառուցվածքի փոփոխության հետ փոխվել է նաև այս շրջանի տեսարանների ընդհանուր բնույթը։ Մինչ թափառում էի քարքարոտ նեղ կիրճերով, ինձ այնպես էր թվում, թե փոխադրվել էի ետ՝ դեպի Սանտ Յագո կղզու լերկ հովիտները։ Բազալտային քարափների վրա ես տեսա այնպիսի բույսեր, որ ոչ մի տեղ չէի տեսել, բայց մի քանիսը ճանաչեցի որպես Հրո Երկրից տարածված թափառաշրջիկների։ Այս ծակոտկեն ապառները ծառայում են որպես այդ չոր երկրի սակավ անձրևաջրի ռեզերվուարներ, հետևաբար և՝ այն գծի վրա, որտեղ հրային և սեդիմենտային ֆորմացիաները միանում են, դուրս են գալիս փոքր աղբյուրներ, որոնք Պատագոնիայում վերին աստիճանի հազվադեպ են. այդ աղբյուրները կարելի էր նկատել բավականին հեռվից՝ նրանց շրջապատող կանաչ և պայծառ բուսականության փոքրիկ տարածություններից։

Ապրիլի 27.— Գետի հունն ավելի նեղացավ, ուստի և հոսանքն ավելի արագացավ։ Այստեղ մի ժամում ջուրն անցնում էր վեց ծովային մղոն։ Այս և բազմաթիվ մեծ և անկյունավոր քարերի բեկորների պատճառով նավակներն առաջ տանելը և՛ դժվար էր, և՛ վտանգավոր։

Այսօր ես սպանեցի մի կոնդոր։ Նրա թևերը, ծայրից ծայր, ունեին ութ և կես ոտնաչափ երկարություն, իսկ կտուցից մինչև պոչը չորս ոտնաչափ էր։ Այս թռչունը հայտնի է որպես աշխարհագրական լայն տարածում ունեցող թռչուն, որին կարելի է գտնել Հարավային Ամերիկայի արևմտյան ափերին. Մագելլանի նեղուցից սկսած՝ Կորդիլյերներով տարածվում է մինչև հասարակածից ութ աստիճան հյուսիս։ Պատագոնիայի ափին նրա հյուսիսային սահմանը կազմում են Ռիո Նեգրոյի գետաբերանին մոտիկ գտնվող խիստ թեքությամբ իջնող ժայռերը, և նրանք թափառում են Անդերում իրենց բնակության կենտրոնական մեծ գծից մոտ չորս հարյուր մղոն հեռու գտնվող տեղերում։ Ավելի հարավ, Պորտ Դեզիրեի մոտ գտնվող ցցուն ժայռերի միջև, նույնպես շատ է տարածված կոնդորը, բայց միայն մի քանիսն են երբեմն այցելում ծովափը։ Սանտա Կրուսի գետաբերանին մոտիկ գտնվող գահավանդների շարքը հանդիսանում է այս թռչունների սիրած հաճախատեղին, և մոտ ութսուն մղոն գետից վեր, որտեղ հովտի կողերը կազմում են բազալտի գահավեժ անդունդները, նորից երևում են կոնդորները։ Այս փաստերից երևում է, որ կոնդորները պահանջում են ողղաձիգ գահավանդներ։ Չիլիում տարվա մեծ մասը նրանք մնում են Խաղաղ օվկիանոսի ափերին գտնվող ցածրադիր վայրերում, և գիշերը մի քանիսը միասին թառում են մի ծառի վրա. բայց ամառվա առաջին մասում նրանք քաշվում են Կորդիլյերների խորքերի ամենաանմատչելի մասերը՝ հանգիստ թուխս նստելու համար։

Ինչ վերաբերում է նրանց բազմացման, Չիլիի գյուղացիներն ինձ պատմում էին, որ կոնդորն առանձնապես ոչ մի բուն չի շինում, բայց նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին մերկ ժայռի վրա ածում է երկու մեծ սպիտակ ձու։ Ասում են, որ կոնդորի ձագերը մոտ մեկ տարի չեն կարող թռչել, իսկ թռչել կարողանալուց հետո դեռ երկար ժամանակ նրանք շարունակում են գիշերը թառել իրենց ծնողների հետ և ցերեկը որսի դուրս գալ միասին։ Ծերերը սովորաբար ապրում են զույգերով, բայց Սանտա Կրուսի բազալտե ներքին գահավանդների մեջ ես գտա մի կետ, որտեղ նրանք հավաքվում են քսանյակներով։ Ի՜նչպիսի հոյակապ պատկեր է ստացվում, երբ մեկը հանկարծակի գալով անդունդի եզրին տեսնում է, թե ինչպես այս մեծ թռչուններից քսան կամ երեսուն հատ դանդաղորեն թռչում են իրենց տեղերից և գեղեցիկ պտույտներ անելով հեռանում են։ Նկատի ունենալով ժայռերի վրա թողած նրանց աղբի մեծ քանակությունը, պետք է ենթադրել, որ նրանք երկար ժամանակ այցելել են այս գահավանդը՝ թառելու և ձագեր հանելու համար։ Ներքևում՝ հարթավայրերում սատկած կենդանու մնացորդներ կուլ տալուց հետո նրանք բարձրանում են այս սիրված տեղերը, իրենց սնունդը մարսելու համար։ Այս փաստերից ելնելով կարելի է ասել, որ գալինասոյի նման կոնդորը ևս պետք է որոշ չափով համարվի համայնակյաց թռչուն։ Երկրի այս մասում նրանք ամբողջովին ապրում են բնական մահով սատկած կամ, ինչպես ավելի հաճախ է պատահում, պումաների սպանած գուանակոյի դիակով։ Պատագոնիայում կատարած իմ դիտողություններից ելնելով, ես հավատացած եմ, որ սովորաբար նրանք իրենց օրվա էքսկուրսիան իրենց քնելու տեղից շատ հեռուները չեն կատարում։

Հաճախ կարելի է կոնդորներին տեսնել մեծ բարձրության վրա որոշ կետում ամենաշնորհալի շրջաններով սուրալիս։ Ես կարծում եմ, որ նրանք երբեմն այս անում են միայն հաճույքի համար, բայց երբեմն էլ, ըստ Չիլիի գյուղացիների, նրանք հսկում են սատկող կենդանու, ինչպես և պումայի՝ իր որսը լափելիս։ Եթե կոնդորները իջնում են ներքև, և հանկարծակի բոլորը միասին վեր բարձրանում, չիլիեցին գիտի, որ այդ պուման է, որ հսկելով որսի մնացորդներին, վեր է ցատկել կողոպտիչներին հեռու քշելու համար։ Բացի սատակներով սնվելուց կոնդորները հաճախ հարձակվում են ուլերի և գառների վրա. այս վտանգը կանխելու համար հովիվ շներին վարժեցնում են այս թռչունները հոտի վրայով անցնելու ժամանակ առաջ վազելու, վեր նայելու և ուժեղ հաչելու։ Չիլիեցիներն անխնա բռնում են և ոչնչացնում այս թռչուններին։ Սրա համար կիրառում են երկու եղանակ — սատկած կենդանու մնացորդները դնում են մի հարթ տարածության վրա և ամեն կողմերից պատում ձողերով՝ թողնելով միայն մի անցք, և երբ կոնդորները գալով դիակի վրա զբաղված են լինում լափելով՝ մարդիկ ձիերով արագ գալիս են դեպի մուտքը և փակում այն, իսկ այս թռչունը, եթե վազելու համար բաց տարածություն չունի, իր մարմնին չի կարող անհրաժեշտ թափը տալ գետնից վեր թռչելու համար։ Բռնելու երկրորդ եղանակը հետևյալն է. հատկապես ուշադրություն են դարձնում դեպի այն ծառերը, որոնց վրա հաճախ թառում են հինգ-վեց կոնդոր, և գիշերը, բարձրանալով ծառը՝ խեղդկապով բռնում են նրանց։ Նրանք բավականին խորն են քնում. ես անձամբ ականատես եմ եղել այդ գործողությանը, որը կատարվում է առանց մեծ դժվարության։ Վալպարայսոյում իմ ներկայությամբ մի կոնդոր ծախվեց կես շիլինգով, բայց նրանց սովորական գինը ութից տասը շիլինգ է։ Մի անգամ ներս բերին թոկով կապած մի կոնդոր, էգը բավականին վնասված էր, բայց հենց որ թոկը, կտրեցին և կտուցն ազատվեց, կոնդորը թեև շրջապատված էր մարդկանցով, բայց սկսեց անհագ կերպով բզկտել մի կտոր միս։ Մի պարտեզում, միևնույն տեղում, կենդանի պահում էին քսանից երեսուն հատ, նրանց շաբաթը միայն մի անգամ էին կերակրում, բայց բոլորն էլ առողջ և լավ վիճակում[109] էին։ Չիլիեցի գյուղացիները պնդում էին, որ կոնդորը կապրի և կպահպանի իր եռանդը, առանց որևէ բան ուտելու, հնգից վեց շաբաթ։Ես չեմ կարող ասել, թե այս ո՛րչափով է ճիշտ, բայց այդ շատ դաժան փորձ պետք է լինի, որն ամենայն հավանականությամբ կատարվել է։ Հայտնի է, որ երբ դաշտում մի կենդանի է սպանվում, կոնդորները, այլ գիշակեր անգղների նման, շատ շուտով իմանում են դիակի տեղը և անբացատրելիորեն հավաքվում են իրար գլխի։

Շատ դեպքերում չպետք է անտեսել, որ այս թռչունները իրենց որսը գտնում և մաքրում են կմախքը՝ նախքան միսն ամենաչնչին չափով նեխելը։ Հիշելով մր. Օդյուբոնի փորձերը գիշակեր բազեների հոտառության թուլության վերաբերյալ, վերոհիշյալ պարտեզում ես կատարեցի հետևյալ փորձը, կոնդորներից յուրաքանչյուրը մի թոկով կապելով՝ երկար շարքով շարեցի մի պատի տակ, ապա մի կտոր միս սպիտակ թղթի մեջ փաթաթելով՝ ես քայլում էի ետ ու առաջ, միսը նրանցից մոտ հրեք կանգուն հեռու պահելով, բայց ոչ մի ուշադրություն նրանց կողմից չնկատվեց։ Ապա ես միսը նետեցի գետին՝ մի արու, ծեր կոնդորից մի յարդ հեռու. մի պահ նա հետաքրքրությամբ նայեց, բայց նորից անուշադրության մատնեց այն։ Փայտով ես միսը հետզհետե մոտեցնում էի նրան, մինչև որ վերջապես նրա կտուցը դիպավ նրան, անմիջապես նա կատաղությամբ պատառոտեց թուղթը, և միևնույն մոմենտում երկար շարքի թռչուններից յուրաքանչյուրն սկսեց մաքառել իր կապերի դեմ և թափահարել թևերը։ Երբեք չի կարելի նույն պայմաններում խաբել մի շան։ Հավասարապես կան ապացույցներ գիշակեր անգղների հոտառության և՛ սրության, և՛ բթության մասին։ Պրոֆ. Օուենը ցույց է տվել, որ կաթարտի (Cathartes aura) հոտառական ներվերը խիստ զարգացած են. և նույն երեկոյին, երբ մր. Օուենի աշխատությունը կարդում էին կենդանաբանական ընկերության առաջ, մի պարոն հիշատակեց, որ ինքը երկու անգամ տեսել է, թե ինչպես Վեստ Ինդիայում գիշակեր բազեները հավաքված են եղել մի տան կտուրին, որի տակ գտնվել է մի չթաղված նեխած դիակ։ Այս դեպքում, պարզ է; որ նրանք տան մեջ գտնվող դիակի մասին տեսողությամբ չէին կարող իմանալ։ Մյուս կողմից՝ բացի Օդյուբոնի և իմ փորձերից, մր. Բրչմենը Միացյալ Նահանգներում կատարել է բազմաթիվ տարբեր փորձեր՝ ցույց տալով, որ ոչ կաթարտը (այս տեսակն անդամահատել է պրոֆեսոր Օուենը) և ոչ էլ դալինասոն չեն կարող իրենց սնունդը ճարել հոտառությամբ։ Նա խիստ հոտած միսը փաթաթում է բարակ կտավի մեջ և նրա վրա ցանում է մսի մանր կտորներ. գիշակեր անգղներն ուտում են այն և հանգիստ քաշվում մի կողմ՝ առանց հայտնաբերելու նեխված միսը, որը նրանց կտուցից միայն մեկ ութերորդ մատնաչափ է հեռու լինում։ Կտավի վրա մի փոքր ճեղք բացելիս գեշն անմիջապես գտնում են. երբ պատռված կտավը փոխարինում են նորով և նորից վրան միս դնում, անգղները նորից լափում են կտավի միսը, առանց հայտնաբերելու իրենց կոխկռտած կտավի մեջ թաքցրած մասսան։ Այս փաստերը վավերացնում են, բացի մր. Բըչմենի ստորագրությունից, վեց վկաների ստորագրությունները։[110]

Հաճախ բաց հարթավայրերում հանգստանալու համար պառկած ժամանակ վեր նայելիս ես տեսել եմ գիշակեր բազեներ, որոնք բարձր թռչելիս են եղել օդում։ Այնտեղ, որտեղ երկիրը հարթ է, այդ դեպքում ընդհանուր առմամբ մեզ բոլորիս, ձիով կամ ոտով, հազիվ թե վիճակվի հորիզոնից տասնհինգ աստիճանից վերև երկնքի որևէ մասի վրա ուշադիր նայել։ Այդ դեպքում, երբ անգղը թռչում է երեքից չորս հազար ոտնաչափ բարձրության վրա, մինչև տեսողության սահմանները գալը՝ նրա հեռավորությունը դիտողի աչքից ուղիղ գծով կլինի ավելի քան երկու անգլիական մղոն։ Հնարավո՞ր է նրան հեշտությամբ հետևել։ Երբ որսորդը մի կենդանի է սպանում մի ամայի հովտում, արդյոք ամբողջ ժամանակը նրան չի՞ դիտում այս սրատես թռչունը, և նրա վայրէջքի ձևը հավանորեն ծանուցում, է շրջանում գտնվող այդ թռչունի ամբողջ ընտանիքին, որ նրանց ավարը մոտակա տեղում է գտնվում։

Երբ կոնդորները երամներով պատվում են կլոր շրջաններով մի որևէ կետի շուրջը, նրանց թռիչքը գեղեցիկ է։ Բացի գետնից անմիջականորեն բարձրանալու դեպքերից, ես երբեք չեմ տեսել, որ այս թռչունները թռչելիս թափահարեն իրենց թևերը։ Լիմայի մոտ, կես ժամի չափ ես անընդհատ դիտում էի այս թռչուններից մի քանիսին, առանց մի վայրկյան աչքս նրանցից հեռացնելու, նրանք շարժվում էին մեծ կորագծերով, արագ շրջաններ էին կատարում, իջնում և բարձրանում՝ առանց թևի որևէ թափահարումի։ Երբ նրանք սահում անցնում էին անմիջապես իմ գլխի վրայով, ես շեղ դիրքով ուշի-ուշով դիտում էի յուրաքանչյուր թևի ծայրի մեծ և անջատ փետուրների ուրվագծերը, և այս առանձին փետուրները, ամենափոքր տատանվող շարժումներն անգամ եթե կատարեին, այնպես կերևային, որ դիտողը կկարծեր, թե նրանք խառնված են իրար, բայց նրանք կապույտ երկնքի ֆոնի վրա երևում էին պարզ և անջատ։ Վիզը և գլուխը շարժվում էին շատ հաճախ և ըստ երևույթին ուժով, իսկ տարածված թևերը կարծեք թե կազմել էին մի հենարան, որի վրա վիզը, մարմինը և պոչը շարժումներ էին կատարում։

Երբ թռչունը ցանկանում էր իջնել, նույն պահին թևերը ծալվում էին, իսկ երբ նորից տարածվում էին փոփոխված թեքությամբ, արագ իջեցումից ստացված թափը կարծեք թե թռչունին մղում էր դեպի վեր՝ թղթե թռուցիկի հավասար և հաստատուն շարժումով։ Որևէ թռչուն սավառնելիս նրա շարժումը պետք է բավականաչափ արագ լինի, այնպես որ մթնոլորտում, նրա մարմնի մակերեսի թեքության ներգործությունը հավասարակշռելու է իր ձգողական ուժին։ Օդում հորիզոնական հարթությամբ (որտեղ շփումը շատ աննշան է) շարժվող մարմնի թափը պահելու ուժը մեծ լինել չի կարող, և հենց այս ուժն է, որ անհրաժեշտ է։ Պետք է ենթադրենք, որ կոնդորի վզի և մարմնի շարժումը բավական է այս նպատակի համար։ Ինչ էլ որ լինի, իսկապես զարմանալի ու գեղեցիկ է տեսնել այսպիսի մի մեծ թռչուն ժամերով առանց առերևույթ ջանք գործադրելու՝ լեռների և գետերի վրայով սահելիս և շրջաններ կազմելիս։

Ապրիլի 29.— Մի բարձունքից մենք ցնծությամբ ողջունեցինք Կորդիլյերների սպիտակ գագաթները, որոնք երբեմն երևում էին մութ ամպերի պարուրակի միջից դուրս ցցված։ Հաջորդ մի քանի օրերի ընթացքում մենք շարունակեցինք դանդաղ շարժվել առաջ, որովհետև գետի ընթացքը չափազանց ոլորապտույտ էր և ամեն տեղ ցիրուցան գտնվում էին զանազան հին թերթաքարերի և գրանիտի վիթխարի կտորներ։ Հովիտը եզերող հարթավայրն այստեղ ուներ գետից հաչված մոտավորապես հազար հարյուր ոտնաչափ բարձրություն, և նրա բնույթը բավականին փոխվել էր։ Պորֆիրի լավ կլորացված խճերը խառնվել էին բազալտի և նախնական ապառի բազմաթիվ վիթխարի բեկորների հետ։ Այս թափառական վալուններից առաջինը, որ ես նկատեցի ամենամոտիկ սարից գտնվում էր վաթսունյոթ մղոն հեռու. մի ուրիշը, որը ես չափեցի, բռնում էր հինգ քառակուսի կանգուն տարածություն և խճից հինգ ոտնաչափ բարձր էր։ Նրա ծայրերն այնպես անկյունավոր էին, և ինքն այնքան մեծ էր, որ սկզբից ինձ թվաց, թև նա մի ապառ է in situ (բնիկ), և վերցրի կողմնացույց նրա կլիվաժի (հերձման) ուղղությունը դիտելու համար։ Այստեղ հարթավայրն այնքան հարթ չէր, որքան ծովափի մոտ, բայց դեռ մեծ խանգարումների նշաններ չէին երևում։ Այսպիսի պայմաններում իմ կարծիքով բոլորովին հնարավոր չէ բացատրել ապառների այս գիգանտ զանգվածների փոխադրումն իրենց մայր աղբյուրից այդքան հեռուները, այդ կարելի է բացատրել միայն լողացող սառցադաշտերի տեսությամբ։

Վերջին երկու օրերում մենք հանդիպեցինք ձիերի հետքերի և մի քանի մանր առարկաների, որոնք պետք է հնդիկներին պատկանած լինեին. դրանք վերարկուի կտորներ էին և ջայլամի մի փունջ փետուրներ։ Երևում էր, որ երկար ժամանակ նրանք ընկած են եղել գետնի վրա։ Այս շրջանի և ամենավերջին անգամ հնդիկների գետն անցած տեղի միջև ընկած տարածությունը կատարյալ ամայի է, չնայած որ այդ երկու կետերն իրարից բազմաթիվ մղոններով հեռու են։ Սկզբում ես շատ էի զարմացել տեսնելով մեծ քանակությամբ գուանակոներ, բայց այդ բացատրվում է այդ հարթավայրերի քարքարոտ բնույթով, որը շատ շուտով կարող էր կատարյալ անկարողության մատնել որսին մասնակցող չպայտած ձիուն։ Այնուամենայնիվ հենց այս կենտրոնական ռայոնում երկու տեղ ես գտա քարերի, որոնք, իմ կարծիքով, պատահականորեն հավաքված չէին կարող լինել։ Նրանք հավաքված էին այնպիսի կետերում, որոնք ցցված են լավայի ամենաբարձր դարավանդների ծայրերին և նման էին, թեև ոչ այնքան մեծ, Պորտ Դեզիրեում եղած կույտերին։

Մայիսի 4.— Կապիտան Ֆից Ռոյը որոշեց այլևս առաջ չտանել նավակները։ Գետն ուներ մանվածապատ ընթացք և հոսում էր չափազանց արագ, իսկ երկրի ընդհանուր տեսքն առանձնապես չէր հրապուրում մեզ ավելի հեռու գնալու համար։ Ամենուրեք մենք հանդիպում էինք միևնույն պրոդուկցիաների և միևնույն տխուր և ամայի տեսարանների։ Այժմ մենք Ատլանտյան օվկիանոսից հարյուր քառասուն մղոն հեռու էինք գտնվում, իսկ Խաղաղ օվկիանոսի ամենամոտիկ թևից՝ մոտ վաթսուն մղոն։ Գետի այս վերին մասում հովիտը լայնացավ և վերածվեց մի լայն ավազանի. հյուսիսային և հարավային կողմերից նրա սահմանը կազմում էին բազալտի պլատֆորմները, իսկ դիմացը գտնվում էր ձյունապատ Կորդիլյերների երկար շղթան։ Մենք ափսոսանքով էինք նայում այս հոյակապ լեռներին, որովհետև փոխանակ կանգնելու նրանց գագաթներին, ինչպես որ հույս ունեինք, ստիպված էինք նրանց էության և պրոդուկցիաների մասին բավականանալ միայն երևակայելով։ Չնայած որ այլևս չշարունակեցինք բարձրանալ գետով, որը մեզ համար ժամանակի անիմաստ կորուստ կլիներ, այնուամենայնիվ մի քանի օր էր, որ հացի օրաբաժնի կեսն էինք ստանում։ Թեև այդ քանակությունը սովորական պայմաններում գտնվող մարդու համար կարող է և բավարար համարվել, բայց մի ամբողջ օր ծանր քայլելուց հետո, հազիվ թե բավարարեր մեզ։ Շատ հեշտ է և հաճելի խոսել թեթև ստամոքսի և դյուրամարսության մասին, բայց գործնականում այդ չափազանց տհաճ է։

Մայիսի 5.— Նախքան արևի ծագելը մենք սկսեցինք մեր վայրէջքը։ Մենք սուրում էինք հոսանքն ի վար մեծ արագությամբ, մի ժամում անցնելով նավային տասը մղոն։ Այս մեկ օրում մենք անցանք այնպիսի մի տարածություն, որը բարձրանալիս մեզանից խլել էր հինգ և կես օրվա ծանր աշխատանք։ Վերջապես քսանմեկ օր տևող մեր էքսպեդիցիայից հետո ամսի 8-ին հասանք «Բիգլ»-ին։ Յուրաքանչյուր ոք, բացի ինձնից, դժգոհելու պատճառ ուներ, բայց ինձ համար գետով բարձրանալը տվեց Պատագոնիայի երրորդական մեծ ֆորմացիայի մի վերին աստիճանի հետաքրքրական կտրվածք։

1833 թվի մարտի 1-ին և նորից 1834-ի մարտի 16-ին «Բիգլ»-ը խարիսխ գցեց Բերկլիի նեղուցում, արևելյան Ֆալկլանդական կղզում։ Այս արշիպելագը Մագելլանի նեղուցի բերանի հետ միասին գտնվում է գրեթե միևնույն լայնության վրա։ Նրա երկանքը հարյուր քսան աշխարհագրական մղոն է, իսկ լայնքը՝ 60, և բռնում է Իռլանդիայի կեսից քիչ ավելի տարածություն։ Այս ողորմելի կղզիները Ֆրանսիայի, Սպանիայի և Անգլիայի տիրապետության համար վեճի առարկա դառնալուց հետո թողնվել էին ամայի և անմարդաբնակ։ Բուենոս Այրեսի կառավարությունն այդ կղզիները ծախել էր մի անհատ մարդու, բայց միաժամանակ գործածել էր, ինչպես առաջներում հին Սպանիան էր անում, որպես հանցավորների և ոճրագործների բնակավայր։ Անգլիան իր իրավունքներն էր պահանջում և գրավեց այդ երկիրը։ Հետագայում սպանում են դրոշակի համար պահապան թողնված անգլիացուն։ Այնուհետև ուղարկում են մի բրիտանացի սպա, առանց օժանդակ ուժերի, և երբ մենք ժամանեցինք այդտեղ, նրան գտանք այնպիսի մի բնակչության գլխին, որի կեսից ավելին ապստամբ փախստականներ և մարդասպաններ էին։

Այդ թատերավայրն արժանի է իր վրա խաղացված տեսարաններին։ Մի ալիքավոր ցամաք, ամայի և խղճուկ տեսքով, որն ամենուրեք ծածկված է միօրինակ թուխ գույնի տորֆային հողով և վտիտ կանաչով։ Այստեղ-այնտեղ մակերեսի հարթությունը խանգարվում է կվարցի գորշ ապառների ցցված կատարներով։ Ամեն ոք լսած կլինի այո երկրի կլիմայի մասին։ Այդ կարելի է համեմատել Հյուսիսային Ուելսի լեռների մեկից մինչև երկու հազար ոտնաչափ բարձրություն ունեցող մասերի կլիմաների հետ, սակայն այստեղ արևը և սառնամանիքն ավելի քիչ են, իսկ քամին ու անձրևն ավելի շատ։[111]

Մայիսի 16.— Այժմ ես նկարագրելու եմ մի կարճատև ճանապարհորդություն, որ ես կատարեցի այս կղզու շրջապատի մի մասում։ Առավոտյան ես դուրս եկա էքսկուրսիայի վեց ձիով և երկու գաուչոյի հետ միասին. վերջիններս վերին աստիճանի հարմար մարդիկ էին այդ նպատակի համար և լավ վարժված իրենց սեփական միջոցներով ապրելու։ Եղանակը շատ աղմկոտ էր, ցուրտ և փոթորկոտ։ Այնուամենայնիվ մենք բավականին հաջող առաջ շարժվեցինք, բայց այդ օրվա մեր էքսկուրսիայում բացի երկրաբանությունից, ուրիշ ոչ մի հետաքրքրական բան չկար։ Երկիրն ամենուրեք ներկայացնում է միևնույն ալիքավոր մորուտքը. մակերեսը ծածկված է խորշոմած բաց-թխագույն կանաչով, և տեղ-տեղ էլ երևում են փոքր թփուտներ, բոլորն էլ դուրս են թռչում մի առաձգական տորֆային հողից։ Հովիտներում այս ու այն կողմ երևում էին վայրի սագերի երամներ, իսկ գետինն ամեն տեղ այնքան փափուկ էր, որ կտցարները կարող էին սնվել։ Բացի այս երկու թռչուններից, կային նաև մի քանի այլ սակավաթիվ թռչուններ։ Միայն մի գլխավոր բլրաշարք կա, մոտ երկու հազար ոտնաչափ բարձրությամբ, որ կազմված է կվարցե ապառից. նրանց խորտուբորտ և լերկ կատարները մեզ բավականին նեղություն պատճառեցին անցնելիս։ Հարավային կողմում մենք եկանք վայրի նախիրների համար ամենահարմար վայրը, բայց մենք չհանդիպեցինք այդ կենդանիների մեծ թվի, որովհետև վերջին ժամանակներս նրանց շատ են հալածում։

Երեկոյան եկանք մի փոքր նախրի մոտ, իմ ընկերակիցներից մեկը, Սանտ Յագո անունով, նախրից մի գեր կով անջատեց. նա նետեց իր գնդերը (բոլաները), որոնք թեև դիպան կովի ոտներին, բայց նրանց չփաթաթվեցին։ Այնուհետև նետելով իր գլխարկը գետին, գնդակների ընկած տեղը չկորցնելու համար, և լրիվ քառատրոփ քշելով ձին՝ քանդեց իր փաթաթված լասոն և ուժեղ հալածելուց հետո նորից հասավ կովին և բռնեց նրան կոտոշներից ու ինքը ձիուց իջավ։ Մյուս գաուչոն մնացած ձիերի հետ առաջ էր անցել այնպես, որ Սանտ Յագոն որոշ դժվարություններ ունեցավ այդ կատաղի կենդանին սպանելիս։ Օգտվելով իր վրա կատարած հարձակվելու փորձերից՝ նա (Սանտ Յագոն) այնպես էր անում, որ կենդանին իր այդ շարժումներով գա մի հարթ տարածության վրա, իսկ երբ կովը չէր ցանկանում շարժվել, իմ ձին, վարժված լինելով, սրընթաց վազում էր և իր կրծքով ուժեղ հրում կենդանուն։ Իսկ հարթ գետնին եղած ժամանակ դարձյալ այնքան հեշտ գործ չէ մենակ մարդու համար ահաբեկված և կատաղի կենդանին սպանելը։ Եվ ոչ էլ հեշտ կլիներ, եթե ձին, ոչոք չկար վրան հեծած, չհասկանար շուտով, որ իր ապահովության համար պետք, է միշտ լասոն ամուր պահի։ Այնպես որ, եթե կովը կամ եզն առաջ շաբրվի, նույն արագությամբ շարժվում է և ձին. հակառակ դեպքում նա կանգնում է անշարժ՝ մի կողմի վրա թեքված։ Սակայն այս ձին ջահել էր և չէր ուզի հանդարտ կենալ, այլ երբ կովը մաքառում էր նա տեղի էր տալիս։ Չափազանց հետաքրքրական էր տեսնել, թե ինչպիսի ճարպկությամբ Սանտ Յագոն թաքնվում էր այդ կենդանու հետևում, մինչև վերջապես մի հնարք գտավ հետևի ոտներից մեկի գլխավոր նյարդին մի վճռական հարված տալու, որից հետո առանց մեծ դժվարության նա խրեց իր դանակը ողնաշարի ծայրի ողնածուծի մեջ և կովը գլորվեց ներքև, կարծես կայծակնահար եղավ։ Նա կովի մարմնից կտրեց մեր էքսպեդիցիայի համար բավարար քանակությամբ փափուկ միս, առանց ոսկրի և մորթին էլ չմաշկած։ Այնուհետև ձիերով շարժվեցինք դեպի մեր գիշերելու վայրը և որպես ընթրիք կերանք „carne con cuero” կամ մորթը վրան խորոված միս։ Այս տեսակի խորոված միսն այնքան բարձր է սովորական խոշոր եղջերավոր անասունների մսից, որքան եղնիկի միսը ոչխարի մսից։ Կռնակից կլորած մի մեծ կլոր կտոր խորովում են թեժ կրակի վրա, կաշին ափսեի ձևով պահելով տակին, այնպես որ մսի կամ ճարպի հյութից ոչինչ չի կորչում։ Եթե մի արժանապատիվ օլդերման այդ երեկո մեզ հետ ընթրեր, „carne con cuero”-ն, անկասկած, Լոնդոնում հանրածանոթ կդառնար։

Գիշերն անձրև եկավ, իսկ հաջորդ օրը (17-ին) ուժեղ փոթորիկ էր, ձյունախառն կարկուտով։ Կղզին կտրելով անցնելով հասանք մինչև այն պարանոցը, որը միացնում է Ռինկոն դել Տորոն (հարավ-արևմտյան ծայրի մեծ թերակղզին) կղզու մնացած մասի հետ։ Որովհետև այստեղ մեծ քանակությամբ կով են սպանում, դրա համար ցուլերի պրոպորցիան մեծ էր։ Սրանք թափառում են առանձին կամ երկու-երեքը միասին և չափազանց վայրենի են։ Ես երբեք չտեսա այսպիսի փարթամ կենդանիներ, սրանք իրենց ահագին գլխի և վզի մեծությամբ հավասարվում էին հունական մարմարյա քանդակներին։ Կապիտան Սելիվանն ինձ տեղեկացնում է, որ միջին մեծության ցուլի կաշին կշռում է քառասունյոթը փաունդ,[112] մինչ այդ քաշն ունեցող մորթը, թեև ոչ նույն չափ լրիվ չորացած, Մոնտեվիդեոյում համարվում է շատ ծանրմորթ։ Ջահել ցուլերն ընդհանրապես վազվզում են կարճ տարածություններ, մինչդեռ ծերերը ոչ մի քայլ չեն անում. նրանք միայն խուժում են մարդկանց և ձիերի վրա, և այսպիսով սպանվել են բազմաթիվ ձիեր։ Մի ծեր ցուլ անցավ մի տղմոտ գետակ և կանգնեց մյուս ափին՝ մեր դիմացը. մենք իզուր փորձեցինք նրան հեռացնել այդտեղից, իսկ երբ նա չհեռացավ, ստիպվեցինք մի մեծ պտույտ անելու։ Գաուչոները նրանից վրեժ առնելու համար որոշեցին ամորձատել (կռտել) նրան և դարձնել հետագայի համար անվնաս։ Չափազանց հետաքրքրական էր տեսնել, թե ի՛նչպես արվեստը կատարելապես տիրապետում էր ուժի վրա։ Ցուլը ձիու վրա վազելիս նրա կոտոշների վրա նետեցին մի լասո, իսկ մի ուրիշն էլ նրա հետևի սրունքների շուրջը. մի րոպեում այդ հրեշային կենդանին անզոր կերպով տարածվեց գետնի վրա։ Մի անգամ լասոն կատաղի կենդանու կոտոշներին ամուր փաթաթելուց հետո սկզբից թվում է, թե հեշտ չէ այն նորից քանդել՝ առանց կենդանուն սպանելու, և ոչ էլ, կարծում եմ, որ այդ հնարավոր կլիներ, եթե մարդը մենակ լիներ։ Սակայն մի երկրորդ մարդու օգնությամբ, որն իր լասոն այնպես է նետում, որ բռնում է ետևի երկու սրունքները, այդ կարելի է կատարել շատ արագ, որովհետև կենդանին, քանի դեռ նրա հետևի սրունքները մնում են տարածված, կատարյալ անզոր է, և աոաջին մարդը կարող է ձեռքերով արձակել կոտոշներից իր լասոն և հանգիստ հեծնել իր ձին. իսկ երկրորդ մարդը, թեկուզ մի քիչ ուշ, թուլացնում է հանգույցը, լասոն սահում է մաքառող կենդանու սրունքներից, և կենդանին ազատ կանգնում է, թափ է տալիս իրեն և իզուր վազում է իր հակառակորդի վրա։ Մեր ամբողջ շրջագայության ընթացքում մենք տեսանք միայն մի խումբ վայրի ձիեր։ Այս կենդանիները, ինչպես և մի քանի խոշոր եղջերավոր անասուններ, այստեղ ներմուծել են 1764 թվին ֆրանսիացիները, և այդ ժամանակից սկսած մինչև այժմ այդ երկու տեսակներն էլ մեծ չափով աճել են։ Հետաքրքրականն այն է, որ ձիերը երբեք չեն հեռացել կղզու արևելյան ծայրից, թեև ոչ մի բնական սահման չկա նրանց թափառումն արգելելու, և կղզու այդ մասն ավելի հրապուրիչ չէ, քան մյուս մասերը։ Գաուչոները, որոնց ես հարցուփորձ արի, թեև հաստատում էին այդ, բայց չէին կարող տալ նրա պատճառները, նրանք միայն նշում էին ընտելացած տեղի հետ ուժեղ կապվելու սովորությունը, որը հատուկ է ձիերին։ Նկատի ունենալով, որ նրանք կղզում սակավաթիվ են, և այն, որ այնտեղ գիշատիչ գազաններ չկան, ուստի ինձ համար առանձնապես հետաքրքրական էր, թե ի՛նչն է արգելակել նրանց սկզբնական արագ աճումը։ Որ մի սահմանափակ կղզում վաղ թե ուշ մի արգելք վրա կգար — այդ անխուսափելի է, բայց ինչո՞ւ ձիու աճումը խոշոր եղջերավորների աճումից ավելի շուտ է կանգ առել։ Այս հարցում կապիտան Սելիվանն ինձ համար շատ է նեղություն կրել։ Գաուչոներն այս վերագրում են գլխավորապես հովատակների անընդհատ տեղից տեղ թափառելու սովորությանը, որոնք ստիպում են էգ ձիերին հետևել իրենց՝ ուշադրություն չդարձնելով, թե քուռակները կարո՞ղ են իրենց հետ գնալ, թև չէ։ Մի գաուչո պատմել է կապիտան Սելիվանին, թե ինքը մի ամբողջ ժամ դիտել է, թե ինչպես մի հովատակ ուժեղ քացի տալով և կծելով ստիպել է էգ ձիուն թողնել քուռակն իր բախտին։ Կապիտան Սելիվանն այդ հետաքրքրական փաստը կարող է հաստատել նրանով, որ նա մի քանի անգամ գտել է երիտասարդ քուռակներ՝ մեռած վիճակում, մինչդեռ նա երբեք չի գտել մեռած հորթ։ Բացի այդ, լրիվ աճած ձիերի դիակները շատ ավելի հաճախ են պատահում, կարծեք թե այդ ձիերն ավելի շատ են ենթակա հիվանդությունների և պատահարների, քան խոշոր եղջերավոր անասունները։ Գետնի փափկության հետևանքով, նրանց սմբակները հաճախ անկանոն ձևով են աճում և մեծ չափով երկարում, որից առաջանում, է կաղություն։ Տիրապետող գույները շիկակարմիր և գորշ գույներն են։

Այստեղի բուծած ձիերը, ընտանի կամ վայրենի, համեմատաբար փոքր են լինում, թեև ընդհանրապես լինում են լավ վիճակում։ Նրանք այնքան ուժ են կորցրել, որ այլևս հարմար չեն լասոյով վայրի կով կամ ցուլ բռնելու համար գործածվելու, հետևաբար անհրաժեշտ է դառնում մեծ ծախսեր կատարել և Պլատայից ներմուծել թարմ ձիեր։ Ապագայում կգա մի ժամանակ, երբ հարավային կիսագունդը կունենա ֆալկլանդական պոնիի ցեղը, ինչպես որ հյուսիսայինն ունի իր շոտլանդականը։

Խոշոր եղջերավոր անասունները, փոխանակ ձիերի նման այլասերվելու, թվում է թե, ինչպես նկատված է վերևում, ավելի խոշորացել են և ավելի շատ են թվում, քան ձիերը։Կապիտան Սելիվանն ասում է, որ սրանք իրենց մարմնի ընդհանուր կազմությամբ և եղջյուրների ձևով ավելի քիչ են տարբերվում, քան անգլիականները։ Գույնով սրանք շատ են տարբերվում, և նշանակալի է այն, որ այս մեկ փոքր կղզու զանազան մասերում տիրապետում են տարբեր գույներ։

Օսբոռն սարի շուրջը, 1000-ից 1500 ոտնաչափ բարձրության վրա նախիրներից մի քանիսի մոտ կեսը մկան կամ կապարի գույն ունեն,— մի գույն, որը տարածված չէ կղզու այլ մասերում։ Պորտ Պլիզենտի մոտ տիրապետող գույնը մութ-թուխն է, մինչ Շուազելի նեղուցից հարավ (որը կղզին գրեթե բաժանում է երկու մասի) ամենատարածված կենդանիներն սպիտակ են, սև գլուխներով և սև ոտներով, իսկ կղզու բոլոր մասերում կարելի է նկատել սև ու մասամբ բծավոր կենդանիներ։ Կապիտան Սելիվանն ասում է, որ տիրապետող գույների մեջ տարբերությունն այնքան աչքի էր զարնում Պորտ Պլիզենտի մոտ ահագին հեռավորության վրա, որ նախիրներին նայելիս նրանք նման էին սև բծերի, մինչ Շուազելի նեղուցից հարավ նրանք բլուրների կողերին երևում էին ինչպես սպիտակ բծեր։ Կապիտան Սելիվանը կարծում է, որ այդ նախիրները չեն խառնվում իրար, և եզակի փաստ է, որ մկնագույն կովը, որը թեև ապրում է բարձրադիր վայրերում, սեզոնի ժամանակ մի ամիս ավելի շուտ է ծնում, քան այլ գույնի կենդանիները ցածրադիր վայրերում։ Այսպիսով հետաքրքրական է դառնում, թե ինչպես երբեմնի ընտանի կովը ճյուղավորվում է երեք գույնի, որոնցից մեկն, ամենայն հավանականությամբ, վերջիվերջո տիրապետելու է մյուս գույների վրա, եթե հետագա դարերում այս նախիրները հանգիստ թողնվեն։

Ճագարը նույնպես պատկանում է ներմուծված կենդանիների շարքին և այստեղ մեծ հաջողություն է ունեցել, այնպես որ կղզու մեծ մասի վրա նրանք առատ են։ Այնուամենայնիվ ձիերի նման նրանք սահմանափակված են որոշ տարածություններում, որովհետև նրանք չեն անցել բլուրների կենտրոնական շղթան և ոչ էլ կտարածվեին մինչև այդ շղթայի ստորոտը, եթե, ինչպես գաուչոներն էին ասում, փոքրիկ գաղութներ չտարվեին այնտեղ։ Ես չէի ենթադրի, որ այս կենդանիները, հյուսիսային աֆրիկայի բնիկները, կարող էին գոյություն ունենալ այնպես խոնավ կլիմա ունեցող մի երկրում, որտեղ այնքան քիչ արև է լինում, որ միայն երբեմն է ցորենը հասնում։ Պնդում են, որ Շվեդիայում, որտեղ յուրաքանչյուր ոք կարծում է, թե գոյություն ունի ավելի նպաստավոր կլիմա, ճագարները չեն կարող դրսում ապրել։ Բացի այդ, առաջին մի քանի զույգերն ստիպված էին մաքառել նախապես գոյություն ունեցող թշնամիների դեմ՝ աղվեսի և մի քանի մեծ բազեների դեմ։ Ֆրանսիացի բնագետները սև փոփոխակը համարում են առանձին տեսակ և նրան անվանում են Lepits Magellanicus։[113]

Նրանք կարծում էին, որ Մագելլանը Մագելլանի նեղուցում խոսելով „conejos” անունով մի կենդանու մասին՝ նկատի ուներ այս կենդանին, բայց նա ակնարկում է մի փոքր ջրխոզուկ, որին մինչև այսօր այդպես են անվանում սպանացիները։ Գաուչոները ծիծաղում էին այն կարծիքի վրա, որ սև և գորշ ճագարները ներկայացնում են տարբեր տեսակներ, և ասում էին, որ ոչ մի դեպքում սևն ավելի հեռու չի տարածվեի քան գորշը և այդ երկուսը երբեք առանձին չեն գտնվել, և որ նրանք հեշտությամբ զուգավորվում են և առաջացնում պիսակավոր սերունդ։

Այս վերջինից ինձ մոտ կա մի նմուշ, և գլխի վրա գտնվող նշաններն այնպես չեն, ինչպես ֆրանսիական առանձին նկարագրածներն են։ Այս հանգամանքը ցույց է տալիս, թե որչափ պետք է բնագետն զգուշ լինի տեսակները nրոշելիu, որովհետև մինչև անգամ Կյուվյեն այս ճագարներից մեկի գանգին նայելիս կարծեց, որ դրանք հավանորեն տարբեր տեսակներ են։

thumb

Կղզու միակ տեղական չորքոտանին[114] գայլանման մի աղվես է (Canis Antarcticus), որը տարածված է և՛ արևմտյան, և՛ արևելյան Ֆալկլանդիայում։ Կասկածից դուրս է, որ այս մի առանձնահատուկ տեսակ է և սահմանափակված է այս արշիպելագում, որովհետև բազմաթիվ փոկորսներ, գաուչոներ և հնդիկներ, որոնք այցելել են այս կղզիները, բոլորն էլ պնդում են, որ Հարավային Ամերիկայի և ոչ մի մասում այսպիսի կենդանի չի գտնվում։ Մոլինան ելնելով սովորությունների նմանություններից՝ կարծում էր, որ այս նույն իր „Culpeu”-ն[115] է, բայց ես երկուսն էլ տեսել եմ, և նրանք բոլորովին տարբեր են։ Այս գայլերը Բայրոնի մի պատմության մեջ հայտնի են իրենց հանգիստ բնավորությամբ և հետաքրքրվելու սովորություններով, իսկ նավաստիները նրանց հետաքրքրությունը կատաղություն էին համարել և նրանցից խույս տալու համար փախել էին դեպի ջուրը։ Մինչև այսօր նրանց սովորությունները մնում են նույնը։ Նկատվել են դեպքեր, երբ սրանք մտել են վրանները և քնած նավաստու գլխի տակից քաշել տարել են մսի կտորներ։ Գաուչոները նույնպես երեկոյան հաճախ սպանում են նրանց՝ մի ձեռքում պահելով մի կտոր միս, իսկ մյուսում դանակ՝ պատրաստ հարվածելու նրանց։ Որքան ինձ հայտնի է՝ աշխարհի և ոչ մի այլ մասում չկա մի դեպք, որ այսքան փոքր և կտրված մի երկրամաս, հեռու բոլոր մայր ցամաքներից, ունենա իր այսքան մեծ և յուրահատուկ նախնական չորքոտանին։ Նրանց թիվն արագ նվազում է. նրանք արդեն քշվել, մաքրվել են այն կղզու կեսից, որն ընկնում է Սան Սալվադոր ծովածոցի և Բերկլի նեղուցի միջև գտնվող պարանոցի արևելքում։ Այս կղզիները կանոնավոր բնակվելուց մի քանի տարի հետո ամենայն հավանականությամբ այս աղվեսը կդասվի դոդոների շարքը, մի կենդանի, որն անհետացել է երկրի երեսից։

Գիշերը (17-ին) քնեցինք այն պարանոցի վրա, որը գտնվում է հարավ-արևմտյան թերակղզու կազմած Շուազելի նեղուցի սկզբին։ Հովիտը լավ պաշտպանվում էր սառն քամիներից, բայց շատ քիչ մացառի փայտ կար կրակ անելու համար։ Սակայն գաուչոները շուտով, ի մեծ զարմանս իմ, գտան մի բան, որը կարող էր մոտավորապես ածխի չափ տաք կրակ անել։ Այդ վերջերս սպանված մի ցուլի կմախք էր, որի միսը գիշակեր բազեները բոլորովին մաքրել էին։ Նրանք ասում էին, որ ձմեռը հաճախ նրանք սպանում են մի կենդանի, միսը ոսկրահան անում իրենց դանակներով և ապա այդ միևնույն ոսկրներով խորովում իրենց ընթրիքի միսը։

Մայիսի 18.— Գրեթե ամբողջ օրն անձրևեց, բայց և այնպես մեր թամբի շորերն այնպես օգտագործեցինք, որ գիշերը չոր ու տաք անցկացրինք. գետինը, որի վրա մենք քնել էինք, ամեն կողմից գտնվում էր ճահճային վիճակում, և ոչ մի չոր տեղ չկար, որ ամբողջ օրը ձիով գնալուց հետո իջնեինք և հանգստանայինք։ Մի ուրիշ տեղ ես հիշատակել եմ, թե որչափ տարօրինակ է, որ այս կղզիներում բացարձակապես ոչ մի ծառ չկա, թեև Հրո Երկիրը ծածկված է մեծ և խիտ անտառներով։ Կղզում ամենամեծ թուփը (որը պատկանում է Compositae ընտանիքին) հազիվ թե մեր կանեփի չափ բարձր լինի։ Ամենալավ վառելիքն ստացվում է մի փոքրիկ կանաչ մացառից, որը լինում է մոտավորապես սովորական հավամրգու բարձրության. այս մացառը մի լավ հատկություն ունի, այրվում է մինչև անգամ՝ երբ բոլորովին թաց է ու կանաչ։ Զարմանալի էր տեսնել, թե ինչպես գաուչոն անձրևի տակ և ընդհանուր թացության մեջ աբեթի և մի կտոր ցնցոտու օգնությամբ անմիջապես կրակ է պատրաստում։ Նրանք կանաչի և թփուտների տակ փնտռեցին և գտան մի քանի չոր ճյուղեր և ճեղքելով վերածեցին թելիկների, ապա թռչունի բնի նման շարեցին հաստ ճյուղերը և կայծքարով վառած շորը դրին մանր ճյուղերի միջև ու ծածկեցին։ Ապա այդ բունը բռնեցին քամու դեմ, աստիճանաբար նա շատացրեց իր ծուխը և վերջիվերջո բռնկվեց բոցով։ Չեմ կարծում, որ որևէ այլ եղանակ կարողանար այսպիսի թաց նյութով հաջողություն ունենալ։

Մայիսի 19.— Յուրաքանչյուր առավոտ, նախքան որոշ ժամանակ ձի հեծնելը, ես ինձ զգում էի կատարյալ սառած, փետացած վիճակում։ Ես զարմանում էի, երբ գաուչոները, որոնք մանկությունից սկսած իրենց կյանքը գրեթե անցկացնում են ձիու վրա, ասում էին, որ նման դեպքերում նրանք միշտ նեղվում են։ Սանտ Յագոն ինձ պատմեց, որ երեք ամիս հիվանդ տանը փակվելուց հետո վայրի կով կամ ցուլ որսալու է գնում, և հետևանքը լինում է այն, որ նրա ազդրերն այնպես են փետանում, որ հաջորդ երկու օրը պառկում է անկողնում։ Այս ցույց է տալիս, որ գաուչոները, թեև արտաքնապես չի նկատվում, ձի հեծնելիս պետք է իրապես մկանային մեծ ուժ գործադրած լինեն։

Այս երկրի նման ճահճուտ, հետևաբար և դժվարանցանելի մի երկրում վայրի ցուլ կամ կով որսալը պետք է շատ դժվար գործ լինի։ Գաուչոներն ասում են, որ հաճախ նրանք սրընթաց անցնում են այնպիսի տեղերով, որ դանդաղ անցնել բոլորովին անհնար է, ինչպես մեկը միևնույն եղանակով կարողանում է սահել բարակ սառցի վրայով։ Որսալիս խումբն աշխատում է այնքան մոտենալ նախրին, որքան կարելի է, առանց նախրի կենդանիների կողմից նկատվելու։ Յուրաքանչյուր ոք իր հետ վերցնում է չորս կամ հինգ զույգ բոլա, նա սրանց նետում է իրար հետևից նույն թվով կենդանիների վրա, որոնք մի անգամ բռնվելուց և ոտները փաթաթվելուց հետո մի քանի օր մնում են, մինչև քաղցից և մաքառումից հետո քիչ ուժասպառ են լինում։ Այնուհետև նրանց ազատ են թողնում և քշում դեպի ընտանի կենդանիների նախիրը, որն այդտեղ բերած են լինում հատկապես այս նպատակի համար։ Նախորդ վարմունքից ահաբեկված՝ նրանք այլևu երբեք նախրից դուրս գալու փորձ չեն անում և հեշտությամբ միասին գալիս են մինչև տուն, եթե ճանապարհին ուժասպառ չեն լինում։ Եղանակն այնքան շարունակեց վատանալ, որ մենք որոշեցինք ամեն ջանք գործ դնել և նավը հասնել նախքան մթնելը։ Տեղացած անձրևի քանակությունից գետինն ամբողջովին ճահճացել էր։ Կարծում եմ, որ իմ ձին առնվազն տասն անգամ ընկավ, իսկ երբեմն էլ բոլոր վեց ձիերը միասին սայթաքում էին ցեխի մեջ։ Բոլոր փոքր առվակների եզրերը փափուկ տորֆից էին, որը բավականին դժվարացնում էր ձիերին առանց ընկնելու թռչել այդ առուները։ Մեր անհանգստությունը լրացնելու համար մենք ստիպված եղանք անցնել մի ծովախորշով, որտեղ ջուրը հասնում էր մինչև մեր ձիերի կռնակը, և փոքրիկ ալիքները, որ առաջանում էին ուժեղ քամուց, փշրվում էին մեզ վրա և կատարյալ թրջում և մրսեցնում մեզ։ Մինչև անգամ երկաթե կազմվածք ունեցող գաուչոները խոստովանվեցին, որ շատ ուրախ էին, որ կարճ էքսկուրսիայից հետո տուն հասան։

Այս կղզիների երկրաբանական կառուցվածքը շատ կողմերով պարզ է ու հասկանալի։ Ցածրադիր վայրերը կազմված են կավային թերթաքարից և ավազաքարից, որոնք պարունակում են թեև ոչ նույն, բայց չափազանց մոտիկ, Եվրոպայի սելուրյան ֆորմացիայի բրածոներ, բլուրները կազմված են սպիտակ հատիկավոր կվարցի ապառից։ Վերջինիս շերտերը հաճախ կամարաձև դասավորված են կատարյալ սիմետրիկ ձևով, ուստի և զանգվածներից մի քանիսն ունեն ամենաեզակի տեսք։ Պեռնետին[116] մի քանի էջ է նվիրել մի ավերված բլրի նկարագրության, որի հաջորդական շերտերը նա իրավացիորեն համեմատել է ամֆիթատրոնի նստարանների շարքերի հետ։ Կվարցի ապառը պետք է որ բոլորովին փափուկ եղած լիներ, եթե նա առանց փշրվելու կարողացել է ենթարկվել այսքան նշանավոր ճկումների։ Որովհետև կվարցն աննկատելիորեն փոխվում է ավազաքարի, ուստի հավանական կարող է լինել, որ առաջինն իր ծագումը պարտական է ավազաքարին, որն այնքան է տաքացել, որ դարձել է մածուցիկ և սառչելով բյուրեղացել է։ Հավանորեն նա փափուկ վիճակում պետք է մղված լինի դեպի վեր իր վրա գտնվող շերտեր ի միջով։

Կղզու շատ մասերում հովիտների հատակը տարօրինակ ձևով ծածկված է բյուրավոր մեծ, անջատ, անկյունավոր կվարցի ապառներով՝ կազմելով «քարային հոսքեր»։ Այս ապառները հիշատակել է Պեռնետիի ժամանակից սկսած յուրաքանչյուր ճանապարհորդ։ Այդ ապառի մեծ կտորները չեն մաշվել ջրի միջոցով, նրանց անկյունները միայն մի փոքր չափով են բթացել։ Նրանց մեծությունը հասնում է մեկ կամ երկու ոտնաչափից մինչև տասը ոտնաչափ տրամագծի, կամ մինչև անգամ լինում են այնպիսի կտորներ, որոնք քսան անգամ ավելի մեծ են լինում։ Նրանք թափված չեն անկանոն կույտերով, այլ փռված են ինչպես հարթ սավան կամ մեծ գետակ։ Հնարավոր չէ ստուգել նրանց հաստությունը, բայց փոքրիկ առուների ջրի կաթկթելու ձայնը լսվում է բավական մեծ խորությունից։ Հավանորեն, իրական խորությունը մեծ է, որովհետև վաղուց պետք է որ ստորին բեկորների արանքները լցված լինեն ավազով։ Այս քարերի հոսանքի լայնությունը տարբեր տեղերում տարբեր է, մի քանի հարյուր ոտնաչափից սկսած որոշ լայն մասերում հասնում է մինչև մեկ մղոնի, բայց տորֆային հողն ամեն օր նրա եզրերից հափշտակումներ է կատարում և մինչև անգամ, որտեղ որ առանձին մի քանի քարեր իրար մոտ են լինում, նրանցից կղզյակներ են կազմում։ Բերկլիի նեղուցից հարավ գտնվող մի հովտում, որը մեր խմբի անդամներից մի քանիսն անվանեցին «Բեկորների մեծ հովիտ», ստիպված էինք կես մղոն լայնություն ունեցող չընդհատվող մի շերտով անցնել մի սուր քարից մյուսը թռչելով։ Այնքան մեծ էին այդ բեկորները, որ երբ անձրևի տեղատարափով բռնվեցինք, ես հեշտությամբ ապաստանեցի նրանցից մեկի տակ։

Ամենանշանակալի հանգամանքն այս «քարերի գետակներում» նրանց փոքր թեքությունն է։

Ես տեսել եմ երբեմն բլրի կողերին նրանց թեքությունները, որ հորիզոնի հետ կազմում են տասն աստիճան. բայց հարթ, լայն հատակ ունեցող հովիտներից մի քանիսում թեքությունն այնքան փոքր է, որ հազիվ է պարզ նկատելի լինում։ Այդպիսի մի խորտուբորտ մակերեսի վրա անկյունը չափել հնարավոր չէր, բայց մի ընդհանուր բացատրություն տալու համար կասեմ, որ թեքությունը չէր կարող դանդաղեցնել անգլիական պոստային կառ֊քի արագությունը։ Մի քանի տեղ այս բեկորների չընդհատվող հոսանքը տարածվում էր հովտի ընթացքով վեր և նույնիսկ հասնում մինչև բլրի կատարը։ Այս բարձունքների վրայի ահռելի զանգվածները, որոնք իրենց ծավալով գերազանցում են փոքր շենքերը, կարծեք թե իրենց գահավեժ ընթացքում ձերբակալված կանգ էին առել։ Այնտեղ կային նաև կամարաձև կոր շերտեր, որոնք կիտված էին իրար վրա, մի հին ընդարձակ մայր եկեղեցու ավերակների նման։ Երբ մեկը փորձում է նկարագրել այս վայրագ տեսարանները, ակամա մի նմանությունից անցնում է. մյուսին։ Մենք կարող ենք երևակայել որ սպիտակ լավայի հոսանքները լեռների բազմաթիվ կողմերից հոսել են հարթավայրերը և երբ պնդացել են, մի ահռելի ցնցումից մասնատվել և վերածվել են բյուրավոր բեկորների։ «Քարերի հոսանք» արտահայտությունը, որն անմիջականորեն գալիս է յուրաքանչյուր դիտողի միտքը, միևնույն միտքն է հաղորդում։ Այս տեսարանները տեղում ավելի տպավորիչ են դառնում շրջակա ցածր և կլոր բլուրների կոնտրաստից։

Ինձ համար շատ հետաքրքրական էր մեր շղթայի ամենաբարձր կատարին (մոտ յոթ հարյուր ոտնաչափ ծովից բարձր) մի մեծ կամարաձև բեկորի գտնվելը, որը պառկած էր իր կորնթարդ կողմի վրա, կամ հետևը գետնին։ Արդյո՞ք պետք է ենթադրել, որ նա հարմար ձևով նետվել է օդի մեջ և այսպես շուռ եկել մյուս կողմի վրա։ Կամ ավելի հավանական է, որ սկզբներում միևնույն շղթայի մի մասն ավելի բարձր է եղել, քան այն կետը, որի վրա այժմ պառկած է բնության մեծ ցնցման այս մեծ կոթողը։ Որովհետև հովիտներում բեկորները ոչ կլորացված են և ոչ էլ արանքները լցված ավազով, ուստի մենք պետք է այստեղից եզրակացնենք, որ այս մեծ վայրագության պերիոդը տեղի է ունեցել ցամաքը ծովի ջրի տակից դուրս գալուց հետո։

Այս հովիտների մի լայնակի կարվածքում հատակը գրեթե հարթ հավասար է, կամ թե շատ քիչ է բարձր՝ մի կողմը մյուսի հետ համեմատած։ Ուստի բեկորները պետք է եկած լինեն հովտի վերին ծայրով, բայց իրոք ավելի հավանական է թվում այն, որ նրանք ներքև են նետվել ամենամոտիկ փեշերից, և ապա մի ապշեցուցիչ մեծ ուժի ճոճող շարժումով[117] բեկորները դիրքով հավասարվել և վերածվել են միապաղաղ շերտի։ Եթե 1835 թվի երկրաշարժի ժամանակի,[118] որը կործանեց Կոնցեպցիոնը (Չիլի), զարմանում էին, որ այդպես փոքրիկ մարմինները կարող էին գետնից մի քանի մատնաչափ վեր նետվել, հապա ի՞նչ պիտի ասենք մի շարժի մասին, որը մի քանի տոնն կշիռ ունեցող բեկարները շարժել է առաջ, ինչպես նույնչափ ավազը ճոճվող տախտակի վրա, և դասավորել հավասար մակերեսով։ Անդերի Կորդիլյերներում ես տեսել եմ պարզ նշաններ, որտեղ վիթխարի լեռներ ջարդուփշուր են եղել ինչպես բարակ կեղև, և շերտերը նետվել իրենց վերտիկալ կողերին, բայց երբեք ոչ մի տեսարան այնպես ազդու չի հաղորդել իմ մտքին ցնցման գաղափարը, ինչպես այս «քարերի հոսանքները», որոնց նմանը իզուր կլիներ փնտրել պատմական արձանագրությունների մեջ։ Գիտությունը հետագայում մի օր հավանորեն այս երևույթին կտա մի պարզ բացատրություն, ինչպես արդեն տվել է վաղուց մտածված թափառական վալունների անբացատրելի տեղափոխությանը, որոնք ցրված են Եվրապայի հարթավայրերի վրա։

Այս կղզիների ֆաունայի մասին ես քիչ բան ունեմ ասելու։ Արդեն նկարագրել եմ գիշակեր անգղը կամ Polyborus-ը։ Այստեղ կան նաև մի քանի բազեներ, բվեր և մի քանի ցամաքային փոքր թռչուններ։ Առանձնապես շատ են ջրային թռչունները, և, դրանք, ըստ հին նավարկուների վկայությունների, հին ժամանակներում ավելի շատ են եղել։ Մի օր ես նկատեցի մի ծովագռավ իր բռնած ձկան հետ խաղալիս։ Ութ անգամ իրար հետևից այս թռչունը բաց թողեց իր որսը ջրի մեջ և ինքը սուզվեց նրա հետևից, և թեև ձուկը բավականին խորն էր գնում, բայց թռչունը միշտ նրան բռնում և բերում էր ջրի երեսը։ Կենդանաբանական այգիներում ես տեսել եմ ջրասամույրը նույն ձևով ձկան հետ խաղալիս, որը շատ նման էր կատվի խաղին մկան հետ։

Ես չգիտեմ մի այլ դեպք, որտեղ մայր բնությունը երևա այդքան համառ և անգութ։ Մի այլ օր կանգնած մի պինգվինի (Aptenodytes demersa) և ջրի միջև զվարճանում էի նրա սովորությունները դիտելով։ Այս մի սրտոտ թռչուն էր և մինչև ծովը հասնելը նա կանոնավորապես ճակատամարտեց իմ դեմ և ինձ ետ մղեց։ Միայն ծանր հարվածները կարող էին կանգնեցնել նրան. յուրաքանչյուր մատնաչափ տարածություն, որ նա գրավում էր, ամուր պահում էր՝ կանգնելով անմիջապես առջևս ուղիղ և. վճռական։ Երբ այսպես կեցած էինք դեմառդեմ, նա շարունակ իր գլուխը շատ տարօրինակ ձևով դարձնում էր մի կողմից մյուսը, կարծեք թե նրա աչքերը պարզ տեսնում էին միայն իրենց առջևի և հիմքի մասերից։ Այս թռչունին սովորաբար անվանում են էշ պինգվին, և այդ անունը ծագում է նրա սովորություններից. ափին եղած ժամանակ գլուխը ետ է տանում և բարձրացնում մի բարձր, տարօրինակ ձայն, որը շատ նման է իշի զռոցին. իսկ երբ ծովի վրա է և անվրդով, նրա ձայնը լինում է շատ խորը և հանդիսավոր և հաճախ լսվում է գիշերը։ Սուզվելիս նրա փոքրիկ թևերը գործածվում են որպես լողաթևեր, իսկ ցամաքում՝ որպես առջևի սրունքներ։ Երբ սողում է գրեթե չորս ոտների վրա տուսոկների[119] կամ կանաչով ծածկված դարավանդի կողքերով, այնքան արագ է շարժվում, որ հեշտությամբ կարելի է շփոթել չորքոտանու հետ։ Երբ ծովում ձուկ է որսում, նա այնպես է ցատկում վեր՝ դեպի ջրի մակերեսը, շնչառության համար, և այնպես արագ է նորից սուզվում, որ բոլորն էլ առաջին հայացքից կասեին, որ դա ձուկ է և զվարճանում է վեր ցատկելով։

Ֆալկլանդական կղզիներում հաճախ երևում են երկու տեսակ սագեր։ Լեռնային տեսակը (Anas Magellanica) զույգերով և փոքրիկ երամներով տարածված է ամբողջ կղղում։ Նրանք չեն չվում, այլ իրենց բները շինում են դուրս ընկած փոքր կղզյակներում։ Ենթադրում են, որ այդ անում են աղվեսներից վախենալու պատճառով, գուցե և այդ նույն պատճառով է, որ այս թռչունները, որոնք թեև շատ հանգիստ են ցերեկը, երբ մութն ընկնում է, դառնում են զգուշ և վայրի։ Սրանք ամբողջովին ապրում են բուսական սննդանյութերով։ Ժայռերի սագը, որն իր անունն ստացել է բացառապես ծովափերին ապրելու շնորհիվ (Anas antarctica), տարածված է և՛ այստեղ, և՛ Ամերիկայի արևմտյան ափերին՝ մինչև Չիլիի հյուսիսային սահմանները։ Հրո Երկրի խորը և մեկուսացած նեղուցներում հաճախ պատահում են ձյան չափ սպիտակ արու սագը, միշտ իր սև ընկերուհու հետ միասին կողք կողքի կանգնած հեռվում գտնվող ապառաժոտ մի կետի վրա։

Այս կղզիներում չափազանց առատ է մի մեծ ապուշ բադ կամ սագ (Anas brachyptera), որը երբեմն կշռում է քսաներկու ֆունտ։ Այս թռչունները ջրի երեսին անսովոր ձևով թիավարելու և ջուրը վեր ցայտեցնելու համար հին ժամանակներում կոչվում էին արշավաձիեր, իսկ այժմ կոչվում են «շոգենավեր», որն ավելի հարմար անուն է սրանց համար։ Նրանց թևերը շատ փոքր են, թույլ, և այդ թևերով նրանք թռչել չեն կարող, բայց նրանց օգնությամբ մասամբ լողալով և մասամբ ջրի երեսին բախելով՝ նրանք շարժվում են շատ արագ։ Այդ հիշեցնում է շնից հալածված մեր ընտանի բադի փախուստը, բայց կարելի է վստահ ասել, որ «շոգենավն» իր թևերը միասին չի շարժում, ինչպես այլ թռչուններ, այլ շարժում է փոխեփոխ։ Այս տձև և ապուշ բադերն այնպիսի ձայներ են հանում և այնպես են ջուրն այս ու այն կողմ ցայտեցնում, որ վերին աստիճանի հետաքրքրական էֆեկտ է ստացվում։

Այսպիսով Հարավային Ամերիկայում մենք գտնում ենք երեք թռչուն, որոնք իրենց թևերը, բացի թռչելուց, գործածում են և այլ նպատակների, համար, պինգվինը իր թևերը գործածում է որպես լողաթև, «շոգենավը»՝ որպես թիակ, իսկ ջայլամը՝ որպես առագաստ. իսկ Նոր Զելանդիայի ապտերիքսը, ինչպես և նրա անհետացած գիգանտ նախատիպը՝ դինորնիսը, ունեն թևերի ռուդիմենտար ներկայացուցիչներ միայն։ «Շոգենավը» կարող է սուզվել շատ կարճ տարածության վրա միայն։ Նա ամբողջովին սնվում է խեցիներով, որ գտնում է ծովախոտերի և ծովափի ժայռերի մեջ, որտեղ մնում են տեղատվության ժամանակ. այս պատճառով էլ կտուցը և գլուխը, այս խեցիները կոտրելու համար, զարմանալիորեն ծանր են և ուժեղ. գլուխն այնքան ամուր է, որ իմ երկրաբանական մուրճով դժվարությամբ ճեղքեցի։ Մեր բոլոր որսորդները շուտով համոզվեցին, թե գոյության համար որչափ տոկուն են այս թռչունները։ Երբ երեկոյան հավաքված երամով սկսում են խաղալ փետուրների հետ, նրանք այնպիսի տարօրինակ խառն ձայներ են հանում, ինչպես արևադարձային երկրներ ի ցուլ-գորտերը (Rana pipiens)։

Հրո Երկրում, ինչպես և Ֆալկլանդական կղզիներում ես բազմաթիվ դիտողություններ արի ստորին կարգի ծովային կենդանիների վրա,[120] բայց սրանք քիչ ընդհանուր հետաքրքրություն ունեն։ Այստեղ ես հիշատակելու եմ միայն մի շարք փաստեր, որոնք վերաբերում են իրենց դասի մեջ ավելի կազմակերպված մի շարք զոոֆիտների։ Մի քանի սեռեր (Flustrs, Eschara, Cellaria, Crisia և այլն) համապատասխանում են իրար իրենց եզակի շարժվող օրգաններով (ինչպես եվրոպական ծովերում ապրող Flustra avicalaria-յի օրգաններն են)՝ կցված իրենց վանդակներին։ Այդ օրգանը մեծ մասամբ խիստ նման է անգղի գլխի, բայց ստորին ծնոտը կարելի է ավելի լայն բանալ, քան իրական թռչունի կտուցը։ Գլուխն ունի կարճ վզի միջոցով շարժվելու զգալի կարողություն։ Մի զոոֆիտի մոտ գլուխն անշարժ էր, իսկ ներքին ծնոտն ազատ. իսկ մի ուրիշի մոտ նրան փոխարինում էր մի եռանկյունի գդակ՝ գեղեցիկ կերպով հարմարեցրած ծուղակի դռնով, որն ակներևաբար համապատասխանում էր ներքին կզակոսրին։ Տեսակների մեծ մասի մոտ յուրաքանչյուր վանդակ օժտված էր մի գլխով, իսկ մյուսների մոտ յուրաքանչյուր վանդակ ուներ երկու գլուխ։

Երիտասարդ վանդակներն այս ծովածամների ճյուղերի ծայրերին պարունակում են բոլորովին չզարգացած պոլիպներ, մինչդեռ նրանը միացած անգղային գլուխը, թեև փոքր, բոլոր կողմերով կատարյալ է։ Երբ ասեղով պոլիպը վանդակից հեռացվեց, այս օրգաններն ամենափոքր չափով ազդվելու նշաններ չարտահայտեցին։ Երբ անգղանման գլուխներից մեկը կտրվեց վանդակից, ներքին ծնոտը պահել էր բացվելու և փակվելու, իր ունակությունը։ Նրանց կառուցվածքի ամենաեզակի մասը գուցե այն է, որ երբ ճյուղի վրա լինում էր երկուսից ավելի վանդակների շարք, կենտրոնական վանդակները թեև օժտված էին այս գլուխ ունեցող հավելվածներով, սակայն այս հավելվածները չափազանց փոքր էին լինում — արտաքինների միայն ¼ մասը կազմելով։ Նրանց շարժումներն ըստ տեսակների տարբեր էին, բայց մի քանիսի մոտ չնկատեցի մինչև անգամ ամենափոքր շարժում, մինչդեռ այլ տեսակներ, ներքին ծնոտն ընդհանրապես լայն բացած՝ ճոճվում էին ետ ու առաջ, յուրաքանչյուր դարձը կատարելով հինգ վայրկյանում, մյուսները կատարում էին արագ և ընդմիջումով։ Ասեղով խթելիս կտուցը սովորաբար այնպես ուժեղ էր բռնում ասեղի ծայրը, որ ամբողջ ճյուղը ցնցվում էր։ Այս մարմինները ոչ մի առնչություն չունեն ձվերի կամ դեմուլների արտադրման հետ, քանի որ նրանք կազմվում են նախքան աճող ճյուղերի ծայրերին վանդակներում երիտասարդ պոլիպներ կերևան, որովհետև նրանք շարժվում են պոլիպներից անկախ և չի երևում, թե որևէ կերպ միացած են նրանց հետ. և որովհետև նրանք վանդակների արտաքին և ներքին շարքերում տարբերվում են իրենց մեծությամբ, ուստի քիչ կասկած կարող է լինել, որ իրենց ֆունկցիաներում նրանք ավելի շուտ կապված են ճյուղերի եղջյուրավոր առանցքին, քան վանդակներում գտնվող պոլիպներին։ Ծովափերի (Բահիա Բլանկայում նկարագրվածի ներքին վերջավորության վրա գտնվող մոտ հավելվածը նույնպես ընդհանուր առմամբ կազմում է զոոֆիտի մի մասը, ճիշտ այնպես, ինչպես ծառի արմատները կազմում են ամբողջ ծառի մի մասը և ոչ առանձին տերևի կամ ծաղկի բողբոջի։

Մի այլ գեղակազմ փոքրիկ պոլիպի (Crisia?) մոտ յուրաքանչյուր վանդակ օժտված էր մի երկարատամ քիստով, որն ընդունակ էր արագ շարժվելու։ Այս քիստերից և անգղանման գլուխներից յուրաքանչյուրը սովորաբար շարժվում էր մյուսներից բոլորովին անկախ, բայց երբեմն մի ճյուղի երկու կողմերում, երբեմն էլ միայն մի կողմում եղածները բոլորը միասին շարժվում էին միևնույն վայրկյանում. երբեմն շարժվում էին կանոնավոր կարգով, մեկը մյուսի հետևից։ Այս գործողություններում մենք զոոֆիտի մոտ առերևույթ տեսնում ենք կամքի այնպիսի կատարյալ փոխանցում, թեև կազմված հազարավոր առանձին պոլիպներից, ինչպես առանձին մի կենդանու մոտ։ Այս դեպքն էապես չի տարբերվում Բահիա Բլանկայի ափերին գտնվող ծովափետուրներից, որոնք դիպչելիս քաշվում էին ավազի մեջ։ Ես այստեղ նշելու եմ միաձև գործողության մի այլ օրինակ, թեև բոլորովին տարբեր բնույթի, Clytia-յին խիստ մոտիկ, ուստի և չափազանց պարզ կազմվածքով մի զոոֆիտի մոտ։ Պահելով նրա մի մեծ փունջն աղաջրով լցրած ավազանի մեջ, մթնելիս պարզվեց, որ հենց որ ես դիպչում էի ճյուղի որևէ մասին, ամբողջը մի կանաչ լույսով դառնում էր ուժեղ ֆոսֆորէսցենտ։ Չեմ կարծում, որ երբևիցե տեսած լինեմ սրան նման՝ ավելի գեղեցիկ մի բան։ Հետաքրքրականն այն էր, որ լույսի բծերը ճյուղերով վեր էին բարձրանում հիմքից դեպի ծայրերը։

Այս բարդ կենդանիների ուսումնասիրությունն ինձ համար միշտ հետաքրքրական էր։ Ի՞նչը կարող էր լինել ավելի զարմանալի, քան այն, որ բուսանման մի կենդանի, որը ձու է դնում, ընդունակ է լողալ այս ու այն կողմ և ընտրել մի առանձին տեղ՝ կառչելու համար, որից հետո տալիս է իր հյուղերը, յուրաքանչյուրը խռնված անհաշիվ առանձին կենդանիների հետ, որոնք հաճախ ունեն բարդ կազմություն։ Բացի այդ, ինչպես մենք տեսանք, ճյուղերը երբեմն ունենում են օրգաններ, որոնք կարող են շարժվել և անկախ են պոլիպներից։ Որչափ էլ որ զարմանալի լինի այս տարբեր անհատներից կազմված միությունը մի ընդհանուր բնում, այնուամենայնիվ յուրաքանչյուր ծառ ցուցաբերում է միևնույն փաստերը, որովհետև պետք է կոկոնները համարել անհատ բույսեր։ Սակայն բնական է մի պոլիպը տեսնել բերանով, ներքին գործարաններով և այլ օրգաններով որպես առանձին անհատ, մինչ տերևաբողբոջի անհատականությունն այնքան հեշտ չէ ըմբռնել. այնպես որ առանձին անդատների միացումը մի ընդհանուր մարմնի մեջ՝ ավելի զարմանալի և կատարյալ է պոլիպի մոտ, քան ծառի։ Մեր ըմբռնումն այս բարդ կենդանու մասին, որտեղ յուրաքանչյուրի անհատականությունը որոշ կողմերով լրիվ ինքնուրույն չէ, ավելի հեշտանում է, երբ հիշում ենք, որ մի էակից կարող են առաջանալ երկու առանձին էակ, երբ մեկ անհատը կտրում, են դանակով, կամ երբ այդ հատումը կատարում է ինքը բնությունը։ Մենք կարող ենք աչքի առաջ ունենալ աոանձին պոլիպները զոոֆիտի մոտ, կամ ծառերի բողբոջները որպես դեպքեր, որտեղ առանձին անհատի առանձնացումը մինչև վերջը չի գնում։ Իհարկե, ծառատեսակների բողբոջների և, նկատի ունենալով անոլոգիան, կորալների դեպքում, բողբոջներով բազմացրած անհատները թվում է թե ավելի մոտիկ են իրար, քան ձվերը և սերմերն իրենց ծնողներին։ Թվում է, թե այժմ հաստատված է, որ բողբոջների միջոցով բազմացրած բույսերը բոլորն ունեն կյանքի ընդհանուր տևողություն, և յուրաքանչյուրին լավ հայտնի է, թե ինչպիսի տարօրինակ և բազմաթիվ մանրամասնություններ են ճշգրտորեն փոխանցվում բողբոջների և շիվերի պատվաստների միջոցով, մինչ սերմերով բազմացնելիս այդ մանրամասնությունները կամ երևան չեն գալիս, կամ թե գալիս են միայն պատահականորեն։


ՏԱՍԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀՐՈ ԵՐԿԻՐ

Հրո Երկիր, առաջին ժամանումը.— Բարի Հաջողության խորշը.— Նավում գտնվող՝ Հրո Երկրի բնիկներիմասին.— Տեսակցություն վայրենիների հետ.— Անտառային տեսարաններ.— Հոռն հրվանդանը.— Ուիգվամի խորշը.— Վայրենիների թշվառ վիճակը.—Սով.— Մարդակերներ.— Մայրասպանություն.— Կրոնական զգացումներ.— Ուժեղ քամի.— Բիգլի նեղուցը.— Պոնսոնրի նեղուցը.— Ուիգվամների կառուցումը և հրո-երկրացիները մեջը բնակեցնելը.— Բիգլի նեղուցի երկճյուղավորումը.— Սառցադաշտեր.— Վերադարձ դեպի նավը.— Երկրորդ անգամ նավով գաղութն այցելելը.— Պայմանների հավասարությունը բնիկների մեջ։

Դեկտեմբերի 17, 1832.— Վերջացնելով Պատագոնիայի և Ֆալկլանդական կղզիների մասին՝ այժմ նկարագրելու եմ առաջին անգամ Հրո Երկիրը ժամանելը։ Կեսօրից քիչ անց մի պտույտ գործեցինք Սանտ Յագո հրվանդանի շուրջը և եկանք Լը Մեր կոչված հռչակավոր հրվանդանը։ Նավն ամբողջ ժամանակը գնում էր Հրո Երկրի ափերի մոտով, և խորտուբորտ, անհյուրընկալ Ստատենլենդ կղզու ուրվագիծը երևում էր ամպերի միջից։ Կեսօրից հետո խարիսխ գցեցինք Բարի Հաջողություն խորշում։ Խորշը մտնելիս մեզ ողջունեցին այս երկրի վագրենիներն իրենց հաստուկ ողջույնի ձևով։ Հրո-երկրացիների մի խումբ, մասամբ ծածկված խիտ անտառներով, նստել էին ծովի վրա կախված մի բարձունքի վրա, և երբ մենք անցանք նրանց մոտով, նրանք վեր թռան և, ծածանելով իրենց պատառոտված ծածկոցները, աղաղակներ բարձրացրին։ Այս վայրենիները հետո հետևում էին նավին, և մթնելուց անմիջապես առաջ երևացին նրանց խարույկները և, նորից լսվեցին նրանց վայրի աղաղակները։ Մեր նավակայանը ներկայացնում էր ջրային մի գեղեցիկ տարածություն, որը կիսով չափ շրջապատված էր կավային թերթաքարերից կազմված ցածր կլոր լեռներով, որոնք մինչև ափը ծածկված էին խիտ, մռայլ անտառներով։ Մի ակնարկը բավական էր՝ ցույց տալու ինձ, թե ո՜րչափ տարբեր էր այդ տեսարանը մինչ այդ իմ տեսած վայրերից։ Գիշերն ուժեղ քամի եղավ, և ուժեղ փոթորիկները լեռներից գալիս անցնում էին մեր վրայով։ Շատ վատ կլիներ, եթե այդ ժամանակ բաց ծովում լինեինք, դրա համար էլ մենք, ինչպես և ուրիշները, կարող ենք անվանել այդ վայրը Բարի Հաջողության խորշ։

Առավոտյան նավապետը մի խումբ մարդկանց ուղարկեց բնիկների մոտ բանակցելու։ Երբ մենք մոտեցանք ափին, ներկա եղող չորս բնիկներից մեկն առաջ եկավ մեզ ընդունելու և սկսեց ուժգին աղաղակել, ցանկանալով ցույց տալ մեզ ափ դուրս գալու տեղը։ Երբ արդեն ափին էինք, նրանց խումբը կարծեք թե ահաբեկված էր, բայց շարունակում էին խոսել և ձեռքերով ու ոտքերով արագ նշաններ անել։ Առանց բացառության ինձ համար այդ իմ տեսած տեսարաններից ամենատարօրինակը և ամենահետաքրքրականն էր։ Ես չէի կարող երբեք համոզված լինել, թե ի՜նչպիսի մեծ տարբերություն գոյություն ունի վայրենու և քաղաքակրթված մարդու, միջև, այդ տարբերությունն ավելի մեծ է, քան այն, որ գոյություն ունի վայրի և ընտանի կենդանիների մեջ, ինչ չափով որ մարդն ունի զարգանալու և կատարելագործվելու ավելի մեծ կարողություն։ Գլխավոր բանակցողը մի ծեր մարդ էր, և երևում էր, որ նա ընտանիքի ավագն էր մյուս երեքն ուժեղ երիտասարդներ էին և ունեին վեց ոտնաչափ հասակ։ Կանանց և երեխաներին ուղարկել էին հեռու տեղեր։ Այս հրո-երկրացիները շատ են տարբերվում հեռու արևմուտքում գտնվող թերաճած ողորմելի ցեղերից և կարծեք թե սրանք խիստ մոտիկ են Մագելլանի նեղուցի հռչակավոր պատագոնացիներին։ Նրանց միակ հագուստը կազմում էր գուանակոյի մորթուց պատրաստած ծածկոցը՝ բրդոտ կողմը դեպի դուրս դարձրած. այս նրանք գցում են իրենց ուսերին, և նրանց մերկ մարմինը միայն կիսով չափ է ծածկվում։ Նրանց մաշկն ունի կեղտոտ պղնձա-կարմրավուն գույն։

Ծերունին իր գլխին կապած ուներ սպիտակ փետուրներից պատրաստած կապ, որով մասամբ ծածկվել էին նրա սև, կոշտ ու խճճված մազերը։ Նրա դեմքի վրայով անցնում էին խաչաձևող երկու լայն շերտեր, մեկը ներկված էր վառ-կարմիր գույնով, որը հասնում էր ականջից ականջ և անցնում էր վերին շրթունքի վրայով. մյուսն սպիտակ էր, ինչպես կավիճ և անցնում էր վերևով ու զուգահեռ էր առաջինին, այնպես որ մինչև անգամ նրա աչքի կոպերը ներկված էին։ Մյուս երկուսը զարդարվել էին փայտի ածխից պատրաստած սև փոշու երիզներով։ Այդ խումբն ամբողջությամբ նման էր այն սատանաներին, որոնք բեմի վրա են գալիս Der Freischutz-ի նման պիեսներում։

Նրանց մարմնի կառուցվածքն ամբողջությամբ նվաստացուցիչ էր, դեմքերի արտահայտությունը անվստահ, ընկճված և վախեցած։ Հենց որ մենք նրանց նվիրեցինք մի քանի կտոր կարմիր շոր, որն անմիջապես փաթաթեցին վզներին, մեզ համար դարձան լավ բարեկամներ։ Ծերունին այդ արտահայտում էր նրանով, որ սկսեց մեր կրծքերը շոյել և կչկչալու նման ձայներ հանել, ինչպես մարդիկ են հանում հավերը կերակրելիս։ Ես քայլում էի ծերունու հետ, և այս բարեկամության ցույցը կրկնվեց մի քանի անգամ և վերջացավ երեք ծանր ապտակներով, որ ծերունին միաժամանակ հասցրեց իմ կրծքին և կռնակին։ Ապա մերկացնելով իր կուրծքն՝ ուզեց, որ ես պատասխանեի իր կոմպլիմենտին, որը երբ կատարեցիք թվում էր, թե նրան մեծ բավականություն պատճառեցի։ Այս ժողովրդի լեզուն, ինչ չափով որ մենք կարողացանք կարծիք կազմել, հազիվ թե արժանի լիներ բաժանահնչուն լեզու համարվելու։ Կապիտան Կուկն այդ ձայները համեմատում է կոկորդը մաքրող մարդու հանած ձայների հետ, բայց իսկապես ոչ մի եվրոպացի իր կոկորդը մաքրելիս այդքան խռպոտ, կոկորդային և կռնչանման ձայներ չի հանում։

Սրանք սքանչելի ընդօրինակողներ են. հենց որ մենք հազում էինք կամ հորանջում, նրանք անմիջապես հետևում էին մեզ։ Մեր խմբի անդամներից մեկն սկսեց աչքը շլել և ծուռ նայել, բայց հրո-երկրացիներից մի երիտասարդի (որի ամբողջ դեմքը, բացառությամբ աչքերի վրայով անցնող մի սպիտակ երիզի, ներկված էր սև գույնով) համոզվեց կատարել շատ ավելի անդուրեկան ծամածռություններ։ Կատարյալ ճշգրտությամբ նրանք կարող էին կրկնել նրանց ուղղած մեր նախադասությունների յուրաքանչյուր բառը և որոշ ժամանակ հիշում էին այդ բառերը։ Մինչդեռ մենք եվրոպացիներս բոլորս դիտենք, թե որչափ դժվար է օտար լեզվի հնչյուններն իրարից զանազանել։ Օրինակ, մեզնից ո՞ր մեկը կարող էր հետևել ամերիկյան հնդիկի երեքից ավելի բառերով կազմված նախադասությանը։ Ինչպես երևում է՝ բոլոր վայրենիներն էլ ունեն ընդօրինակության անսովոր աստիճանի այս ընդունակությունը։ Ինձ գրեթե նույն բառերով պատմել են քաֆրերի մեջ գոյություն ունեցող միևնույն ծիծաղաշարժ սովորությունների մասին, ավստրալիացիները նույնպես վաղուց հանրածանոթ են մեկին ճանաչեցնելու համար նրա շարժուձևի նման ձևեր անելու և նկարագրելու կարողությամբ։ Ի՞նչպես կարելի է բացատրել այս ընդունակությունը, արդյոք այդ հետևանք չէ՞ ըմբռնումների և սուր զգացումների վարժեցրած սովորությունների, որ ընդհանուր է վայրենի վիճակում գտնվող բոլոր մարդկանց, համեմատած վաղուց քաղաքակրթված մարդկանց հետ։

Երբ մեր խումբն սկսում էր մի երգ երգել, ինձ այնպես էր թվում, որ հրո-երկրացիները վայր կընկնեն զարմանքից։ Նույնչափ զարմացած նրանք դիտում էին մեզ պարելիս, բայց երիտասարդներից մեկը, երբ խնդրեցինք չառարկեց շուրջպար պարելու դեմ։ Չնայած որ նրանք քիչ էին վարժվել եվրոպացիներին, ինչպես այդ երևում էր, այնուամենայնիվ նրանք գիտեին՝ ի՛նչ բան է հրազենը, և սոսկում էին մեր հրացաններից. ոչ մի բան չէր կարող հրապուրել նրանց՝ իրենց ձեռքն հրացան վերցնելու։ Նրանք խնդրում էին դանակներ՝ անվանելով դրանք սպանական բառով «cuchilla». նրանք իրենց պահանջած իրն արտահայտում էին նաև շարժուձևերով, ձևացնելով, թե բերաններում գտնվում է մի կտոր ճարպ, և ապա ցույց տալով, որ ոչ թե ուզում են պատառոտել, այլ ուզում են դանակով կտրել։

Մինչև, այժմ ես դեռ չեմ պատմել մի քանի հրո-երկրացիների մասին, որոնք գտնվում էին մեր նավում։ «Ադվենչըր» և «Բիգլ» նավերի նախկին ճանապարհորդությունների ժամանակ, որ կատարվել էին 1826 և 1830 թվականներին, կապիտան Ֆից Ռոյը բռնել էր մի խումբ բնիկներ որպես պատանդ մի կորսված նավակի, որը գողացվել էր քարտեզահանումների վրա աշխատող մի խմբի մեծ վտանգի ենթարկելով։ Այս բնիկներից մի քանիսին, ինչպես և մի երեխայի, որին նա գնել էր մարգարտյա մեկ կոճակով, իր հետ բերել էր Անգլիա, մտադրվելով իր անձնական ծախսով կրթել նրանց և կրոնական դաստիարակություն տալ։ Այս բնիկներին նորից իրենց երկիրը վերադարձնելու խնդիրը կապիտան Ֆից ՌոյԻ համար հանդիսանում էր գլխավոր դրդապատճառներից մեկը մեր այս ճանապարհորդությունը կատարելու, և այս էքսպեդիցիայի մասին ծովակալության արած որոշումից առաջ կապիտան Ֆից Ռոյը վեհանձնաբար պայմանավորվել էր մի նավի հետ, և ինքն անձամբ նրանց ետ էր բերելու դեպի Հրո Երկիրը։ Բնիկներին ուղեկցում էր միսիոներ Մեթյուսը, որի մասին, ինչպես և բնիկների մասին, կապիտան Ֆից Ռոյը հրատարակել է մի ամբողջական հիանալի զեկուցագիր։ Սկզբում վերցվածների մեջ էին երկու տղամարդ, որոնցից մեկն Անգլիայում մեռավ ծաղիկ հիվանդությունից, մի տղա և մի աղջիկ. իսկ այժմ մենք նավում ունեինք Յորք Մինստըրին, Ջեմմի Բըթընին[121] (որի անունը ցույց է տայիս, թե ինչով են գնել իրեն) և Ֆուեդիա Բասկետին։ Յորք Մինստրը լրիվ աճած, կարճ, հաստ, ուժեղ մի տղամարդ էր. նա ուներ ծածկամիտ, լռակյաց, թախծոտ տրամադրություն, իսկ երբ հուզում էին, դառնում էր վերին աստիճանի կրքոտ, նրա սերը դեպի նավում գտնվող ընկերներից մի քանիսը շատ ուժեղ էր, մտային կարողությունը՝ լավ։ Ջեմմի Բըթընը րոլորի կողմից սիրված մի տղա էր, բայց նույնպես կրքոտ, նքա դեմքի արտահայտությունն անմիջապես ցույց էր տալիս իր քնքուշ տրամադրությունը։ Նա միշտ ուրախ-զվարթ էր և շատ հաճախ ծիծաղում էր ու զարմանալիորեն համակրում վիշտ կամ ցավ ունեցող որևէ մեկին, ալեկոծությունների ժամանակ ես հաճախ մի փոքր վատ էի զգում, նա սովորաբար գալիս էր ինձ մոտ և ցավակցող ձայնով ասում. «խե՜ղճ, խե՜ղճ մարդ»։ Բայց նրա ջրային կյանքից հետո որևէ մեկի նեղվելը ծովից նրան շատ տարօրինակ էր թվում և նա սովորաբար ստիպված էր մի կողմ շուռ գալ իր ծիծաղը թաքցնելու համար, որից հետո նորից կրկնում էր իր «խե՜ղճ, խե՜ղճ մարդ» բառերը։ Նա ուներ հայրենասիրական տրամադրություններ և սիրում էր գովաբանել իր ցեղը և երկիրը, որտեղ, հավատացնում էր նա մեզ, կան «շատ ու շատ ծառեր», միաժամանակ նա նախատում էր մյուս բոլոր ցեղերին. նա հպարտությամբ հայտարարում էր, որ իր երկրում սատանա չկա։ Ջեմմին կարճահասակ էր, հաստ և գեր, և իր արտաքին տեսքի խնդրում ցուցասեր, նա սովորություն ուներ միշտ ձեռնոց կրելու, նրա մազերը միշտ խուզած էին լինում կոկիկ և վայելուչ, չափազանց անհանգստանում էր, երբ իր լավ փայլեցրած կոշիկները աղտոտում էին։ Նա սիրում էր իրեն տեսնել հայելու մեջ և սքանչանալ ինքն իրենով. և մի փոքրի զվարթադեմ հնդիկ տղա, որին վերցրել էինք Ռիո Նեգրոյից և մի քանի ամիս գտնվում էր մեր նավում, շուտով նկատեց այս և այնուհետև ծաղրում էր նրան։ Ջեմմին, որը միշտ նախանձում էր այս փոքրիկ տղային՝ նրա հանդեպ ունեցած մեր ուշադրության համար, բոլորովին չէր կարող տանել այդ և ասում էր գլխի արհամարհական շարժումով՝ «դու, արտուտիկ»։ Երբ ես աչքի առաջ եմ ունենում նրա բազմաթիվ լավ հատկանիշները, ինձ համար զարմանալի է թվում, որ նա եղել է այստեղի՝ մեր առաջին անգամ պատահած ողորմելի, շնորհազուրկ, ստորացուցիչ, վայրենիների միևնույն ցեղից և անկասկած մասնակից է միևնույն հատկանիշներին։ Վերջապես Ֆուեզիա Բասկետը, մի գողտրիկ, համեստ, զուսպ ջահել աղջիկ, հաճելի, բայց երբեմն տխուր արտահայտությամբ։ Նա շատ արագ սովորում էր որևէ բան, մասնավորապես լեզուներ։ Այդ երևում էր այն բանից, որ երբ կարճ ժամանակով մենք ափ իջանք Ռիո դե Ժանեյրոյում և Մոնտեվիդեոյում, նա արդեն սովորել էր պորտուգալերեն և սպաներեն մի քանի բառեր ու դարձվածքներ, բացի այդ, նա բավականին գիտեր անգլերեն։ Յորք Մինստըրը շատ էր խանդում, երբ որևէ մեկը նրան ուշադրություն էր դարձնում, որովհետև պարզ էր, որ հենց որ նրանք ափ դուրս գային և բաժանվեին մեզնից, նա մտադիր էր նրա հետ ամուսնանալու։

Թեև երեքն էլ կարող էին բավականին լավ և՛ խոսել և՛ հասկանալ անգլերեն, այնուամենայնիվ չափազանց դժվար էր շատ բան իմանալ նրանցից՝ իրենց հայրենակիցների սովորությունների վերաբերյալ։ Այս մասամբ պետք էր վերագրել այն պարզ բանին, որ նրանք, ըստ երևույթին, դժվարությամբ էին հասկանում ամենապարզ բաները։ Ամեն ոք, ով գործ է ունեցել շատ փոքր երեխաների հետ, գիտե, թե ո՛րչափ դժվար է նրանցից պատասխան ստանալ, մինչև անգամ այնպիսի մի պարզ հարցի պատասխան, ինչպես մի առարկայի սև թե սպիտակ լինելն է, թվում է թե սևի կամ սպիտակի գաղափարները փոխեփոխ լցնում են նրանց մտքերը։ Նույնը պիտի ասել և այս հրո-երկրացիների մասին, դրա համար էլ ընդհանրապես հնարավոր չէր լինում խաչաձև հարցերով պարզել, թե արդյոք նրանց հավաստումները ճի՞շտ էին հասկացվում, թե՞ ոչ։ Նրանց տեսողությունն զգալիորեն սուր էր. հայտնի է, որ նավաստիները երկար վարժության շնորհիվ հեռվում գտնվող առարկաներն ավելի լավ են զանազանում, քան ցամաքի բնակիչները, բայց և՛ Յորքը, և՛ Ջեմմին շատ ավելի սրատես էինք քան նավում գտնվող նավաստիներից որևէ մեկը, մի քանի անգամ նրանք ցույց են տվել, թե ինչ է երևում հեռվում, և թեև բոլորը կասկածել են նրանց ասածի ճշտության վրա, բայց երբ ստուգել են տելեսկոպով, պարզվել է, որ նրանք ճիշտ են տեսել։ Նրանք լավ գիտակցում էին իրենց այս կարողությունը, և Ջեմմին, երբ մի փոքր վեճ էր ունենում հերթապահ սպայի հետ, ասում էր՝ «ինձ տեսնում եմ նավ, ինձ չի ասա»։

Հետաքրքրական էր տեսնել վայրենիների վերաբերմունքը դեպի Ջեմմի Բըթընը, երբ առաջին անգամ ափ դուրս եկանք։ Նրանք անմիջապես նկատեցին նրա և մեր միջև եղած տարբերությունը և երկար ժամանակ իրար հետ խոսում էին այդ խնդրի մասին։ Ծերունին մի երկար ճառ ուղղեց Ջեմմիին, որով թվում է թե հրավիրում է նրան մնալ իրենց հետ։ Ջեմմին շատ քիչ բան էր հասկանում նրանց լեզվից, բացի այդ, նա կատարյալ ամաչում էր իր հայրենակիցներից։ Երբ հետագայում Յորք Մինստըրն ափ եկավ, նրան ևս ընդունեցին միևնույն ձևով և ասացին նրան, որ պետք է սափրվել, չնայած որ նրա երեսին հազիվ թե քսան կարճ մազ լիներ, մինչդեռ մենք բոլորս էլ պահում էինք խճճված մորուքներ։ Նրանք դիտեցին նրա մաշկի գույնը և համեմատեցին այն մերինների հետ։ Մեզնից մեկի թևը բաց տեսնելով նրանք արտահայտեցին իրենց ամենաուժեղ զարմանքը և հիացմունքը նրա սպիտակության վրա. նույն վերաբերմունքը ճիշտ նույն ձևով երբեմն նկատել եմ օրանգուտանգների մոտ՝ կենդանաբանական այգիներում։ Մեզ թվում էր, թե նրանք մեր խմբի երկու կամ երեք համեմատաբար կարճ և գեղեցիկ սպաներին համարում էին խմբի կանայք, թեև վերջիններս զարդարված էին մեծ մորուքներով։ Հրո-երկրացիների ամենաբարձրահասակն ըստ երևույթին շատ էր ուզում, որ իր բարձրությունը նկատվի։ Երբ նրան մեջք-մեջքի կանգնեցրին ամենաբարձրահասակ նավաստու հետ, նա ամեն կերպ ջանում էր կանգնել բարձր տեղ և մատների վրա։ Նա բաց էր անում իր բերանը՝ ատամները ցույց տալու համար, և երեսը շուռ էր տալիս, որ կողքից ևս դիտեն. այս բոլորը նա կատարում էր այնպիսի եռանդով, որ ամենայն հավանականությամբ իրեն երևակայում էր Հրո Երկրի ամենագեղեցիկ մարդը։ Մեր առաջին լուրջ զարմանքի զգացումից հետո ոչ մի բան այնքան ծիծաղելի չէր, որքան ընդօրինակությունների և զարմանքի այն տարօրինակ խառնուրդը, որն ամեն րոպե ցուցադրում էին այս վայրենիները։

Մյուս օրը ես փորձեցի մի կերպ թափանցել այդ երկրի խորքերը։ Հրո Երկիրը կարելի է համարել լեռների երկիր, որը մասամբ սուզված է ծովի մեջ, այնպես որ խորը ծովախորշերը և ծոցերը գոյացել են այնտեղ, որտեղ պետք է առաջ հովիտներ եղած լինեին։ Լեռների լանջերը, բացառությամբ արևմտյան մերկ ափի, ծածկված են խիտ անտառով, որն իջնում է մինչև. ծովափը։ Ծառերը տարածվում են 1000-ից մինչև 1500 ոտնաչափ բարձրության վրա, որից հետո գալիս է տորֆի մի շերտ՝ ալպյան մանր բույսերով, իսկ վերջինիս հաջորդում է հավերժական ձյան սահմանը. ըստ կապիտան Կինգի՝ Մագելլանի նեղուցի մոտ ձյան սահմանը գտնվում է 3000 և 4000 ոտնաչափի միջև։ Ամբողջ երկրում շատ դժվար է ճարվում մինչև անդամ մեկ ակր[122] հարթ տարածություն։ Ես հիշում եմ միայն մի փոքր հարթ տարածություն Պորտ Ֆեմինի մոտ և մի ուրիշը, քիչ ավելի մեծ, Գյորի Ռուդի մոտ։ Երկու տեղում էլ, ինչպես և ամեն տեղ, գետինը ծածկված է ճահճոտ տորֆի հաստ շերտով։ Մինչև անգամ անտառում գետինը ծածկված է դանդաղորեն նեխվող բուսական նյութերի մասսայով, որը լավ թրջված լինելով ջրով՝ կոտրվում էր ոտների տակ։

Անտառի միջով ճանապարհը շարունակելը գրեթե գտնելով անհույս՝ սկսեցի հետևել մի լեռնային հեղեղատի ընթացքին։ Սկզբում ջրվեժների և մեծ թվով չորացած, վայր ընկած ծառերի պատճառով հազիվ մի կերպ սողալով շարժվում էր առաջ, բայց հոսանքի հունը շուտով մի փոքր բացվեց. այդ առաջացել էր ուժեղ հեղեղատների ժամանակ ափերը քանդվելուց։ Մի ժամի չափ դանդաղ շարունակեցի ճանապարհը խորտուբորտ և քարքարոտ ափերով և մեծապես վարձատրվեցի տեղի մեծաշուք տեսարանով։ Կիրճի մռայլ ու մութ խորությունը համապատասխանում էր մեծ ուժերի ազդեցության տակ կատարվող փոփոխությունների ընդհանուր նշաններին։ Երկու կողմերում էլ ընկած քարերի անկանոն զանգվածներ և ջարդոտված ծառեր. մյուս ծառերը, թեև դեռ կանգնած, մինչև միջուկը քայքայվել էին և պատրաստ էին գլորվելու։ Աճող և ընկած ծառերի խճողված զանգվածներն ինձ հիշեցնում էին տրոպիկական անտառները, բայց, իհարկե, այն հիմնական տարբերությամբ, որ այս խաղաղ ամայության մեջ կարծեք թե կյանքի փոխարեն տիրապետող ոգին մահն էր։ Հետևելով ջրի ընթացքին՝ վերջապես եկա մի կետ, որտեղ մի մեծ փլվածք սարն ի վար բաց էր արել մի ուղիղ ճանապարհ։ Այս ճանապարհով ես բարձրացա մի զգալի բարձրություն, որտեղից հնարավոր էր լավ դիտել շրջապատի անտառները։ Բոլոր ծառերն էլ պատկանում են միևնույն կեչու նմանվող հաճարի (Fagus betuloides) տեսակին, որովհետև Fagus-ի այլ տեսակների թիվը, ինչպես և Drimys Winteri-ի[123] թիվը, շատ աննշան է։ Այս տեսակը իր տերևները պահում է ամբողջ տարին. նրա սաղարթն ունի մի առանձնահատուկ թուխ կանաչ գույն՝ դեղին երանգավորումով։ Որովհետև ամբողջ տեսարանն այսպես գունավորվում է, այդ պատճառով էլ վայրն ունի թախծոտ, տաղտկալի տեսք. ոչ էլ հաճախ է նա կենդանանում արևի ճառագայթներով։

Դեկտեմբերի 20.— Նավակայանի մի կողմը, կազմում է մի բլուր՝ մոտ 1500 ոտնաչափ բարձրությամբ։ Կապիտան Ֆից Ռոյն այդ բլուրն անվանել է Սըր. Ջ. Բենքսի անունով՝ ի հիշատակ նրա դժբախտ էքսկուրսիայի, որի ընթացքում նա կորցրեց իր խմբի երկու մարդկանց, և հազիվ մահից ազատվեց դոկտոր Սոլանդերը։ Ձյունաբուքը, որը առաջացրել էր այս դժբախտությունը, տեղի էր ունեցել հունվարի կեսերին այդ ժամանակը համապատասխանում է հյուսիսային կիսագնդի հուլիս ամսին, իսկ լայնությունը՝ Դուրհեմի լայնությանը։ Ես շատ էի ուզում հասնել բլրի գագաթը և հավաքել ալպյան բույսեր, որովհետև բոլոր տեսակի ծաղիկներն էլ բլրի ստորին մասերում սակավաթիվ են։ Մենք հետևեցինք միևնույն ջրի ընթացքին, ինչպես նախորդ օրը, մինչև նրա վերջանալը, այնուհետև ստիպված էինք կուրորեն սողալ ձառերի մեջ։ Այս ծառերը այդ բարձրության վրա և ուժեղ քամիների պատճառով կարճ էին, հաստ և կորացած։ Վերջապես հասանք այն տեղը, որը հեռվից երևում էր որպես գորգանման գեղեցիկ կանաչ մարգագետին, բայց ի սրտնեղություն մեր՝ պարզվեց, որ այդ հաճարի փոքր ծառերի մի կոմպակտ մասսա է՝ չորսից, հինգ ոտնաչափ բարձրությամբ։ Նրանք այն աստիճան խիտ էին, որ նման էին պարտեզի եզրերին եղած կանաչ ցանկապատերին, և մենք ստիպված էինք մաքառելով անցնել հարթ, բայց խաբուսիկ մակերեսով։ Մի քիչ ևս նեղվելուց հետո հասանք տորֆային մասի և ապա լերկ թերթաքարերի։

Այս բլուրը մի բլրագոտիով միացած էր մի քանի մղոն հեռվում գտնվող մի այլ բլրի հետ, որն ավելի բարձր էր, այնպես որ նրա վրա տեղ-տեղ ձյան շերտեր կային։ Որովհետև դեռ բավական ժամանակ կար օրը վերջանալու և ես որոշեցի գնալ դեպի այդ բլուրը և ճանապարհին բույսեր հավաքել։ Շատ դժվար աշխատանք կլիներ այդ, եթե այղ շավիղը լավ ծեծված և ուղիղ չլիներ, մի բան, որ արել էին գուանակոները, որովհետև, այս կենդանիները ոչխարների նման միշտ գնում են միևնույն գծով։ Բլրի գագաթը հասնելիս պարզվեց, որ նա իր անմիջական շրջապատի բլուրներից ամենաբարձրն է, և ջրերը ծովն էին հոսում հակառակ ուղղություններով։ Մենք կարողացանք շատ լավ դիտել բլրի շրջապատի տարածությունները։ Դեպի հյուսիս տարածվում էր մի մեծ ճահիճ, իսկ դեպի հարավ մեր առաջ բացվում էր մի վայրի, հոյակապ տեսարան, որը շատ համապատասխանում է Հրո Երկրին։ Մի տեսակ խորհրդավոր վեհություն է զգում մարդ, երբ տեսնում է սար սարի ետևից, իրարից խորը ձորերով կտրտված և մի համատարած խիտ ու մթին անտառով ծածկված։ Այս կլիմայում, որտեղ մի քամի հաջորդում է մյուսին՝ իր հետ բերելով անձրև, կարկուտ և անձրևախառն կարկուտ, մթնոլորտն էլ ավելի մութ է թվում, քան որևէ այլ տեղ։ Մագելլանի նեղուցում Պորտ Ֆեմինից ուղիղ դեպի հարավ նայելիս հեռվում լեռների միջև գտնվող նեղուցներն այնպես մռայլ էին երևում, որ կարծեք թե աշխարհի սահմաններից դուրս էին գտնվում։

Դեկտեմբերի 21.— «Բիգլ»-ը ճանապարհ ընկավ և հաջորդ օրն անսովոր աստիճանի նպաստավոր արևելյան նուրբ քամու տակ մենք շրջանցեցինք Բարնեվելտները և անցնելով Խաբեբայության հրվանդանից ու նրա քարքարոտ գագաթներից՝ մոտ ժամը երեքին բոլորեցինք Հոռն հրվանդանը, որտեղ միշտ գերիշխում է քամին։ Երեկոն խաղաղ էր և պայծառ, և մենք դիտեցինք շրջապատի կղզիների մի գեղեցիկ տեսարան։ Հոռն հրվանդանն այնուամենայնիվ իր տուրքն էր պահանջում և գիշերը վրա հասնելուց առաջ մեզ զգացրեց առաջին ուժեղ քամին, որն ուղիղ փչում էր մեր երեսին։ Մենք դուրս եկանք ծով և երկրորդ օրը նորից ափ իջանք, երբ նավի ցռուկից տեսանք այս նշանավոր հրվանդանն իր իսկական տեսքով — քողարկված մշուշով, իսկ նրա աղոտ ուրվագիծը՝ շրջապատված փոթորկոտ ալիքներով։ Մեծ, սև ամպերը գլորվում էին երկնքով և կարկտախառն անձրևով քամիները հանկարծակի այնպիսի ուժգնությամբ արագ անցնում էին մեր մոտով, որ կապիտանը որոշեց փախչել Ուիգվամի ծոցը։ Այս մի փոքրիկ անդորր ու թաքուն նավակայան է, Հոռն հրվանդանից ոչ հեռու, այստեղ Ծննդյան երեկոյին մենք խարիսխ գցեցինք.խաղաղ ջրի վրա։ Միակ բանը, որ հիշեցնում էր մեզ դրսի փոթորիկը, ժամանակ առ ժամանակ լեռներից փչող քամին էր, որը դողդողացնում էր նավն իր խարսխի վրա։

Դեկտեմբերի 25.— Ծոցին խիստ մոտիկ մի տեղից բարձրանում է մի սրածայր բլուր, որը կոչվում է Կատերի Գագաթ. նա ունի 1700 ոտնաչափ բարձրություն։ Շրջապատի բոլոր կղզիներն էլ կազմված են կանաչ քարի կոնաձև զանգվածներից. սրանց հետ երբեմն լինում են թրծված և ձևափոխված կավային թերթաքարերի ոչ շատ կանոնավոր բլուրներ։ Հրո Երկրի այս մասը կարելի է նկատել որպես ծովի տակ սուզված լեռնաշղթայի ամենավերջին ծայրը, որի մասին արդեն ակնարկել ենք։ Այդ ծոցիկը «Ուիգվամ» անունն ստացել է շնորհիվ հրո-երկրացիների մի քանի բնակարանների, բայց մոտակա յուրաքանչյուր ծոց կարող էր նույն անունն ունենալ իր հավասար հատկություններով։ Այդտեղի բնակիչներն ստիպված են չուտ-շուտ փոխել իրենց բնակավայրը, որովհետև սնվում են գլխավորապես խեցիներով, բայց որոշ ժամանակ անցնելուց հետո նրանք նորից վերադառնում են նույն տեղերը. այդ երևում է հին խեցիների դեզերից, որոնք հաճախ կշռում են մի քանի տոնն։ Այս կույտերը կարելի է ահագին հեռավորությունից ճանաչել որոշ բաց-կանաչ բույսերի գույների միջոցով, որոնք անփոփոխ միշտ աճում են նրանց վրա։ Այս բույսերից կարելի է թվել վայրի կարոսը և լնդախտային խոտը. երկու շատ օգտակար բույսեր, որոնց գործածությունը բնիկներին դեռ հայտնի չէ։

Հրո Երկրի ուիգվամն իր մեծությամբ և ձևով նման է խոտի դեզի։ Նա բաղկացած է սոսկ մի քանի կոտրված ճյուղերից՝ դետին խրված և մի կողմով շատ անկատար կերպով ծածկված խոտի փնջերով և եղեգներով։ Այդ բոլորը մի ժամվա աշխատանք էլ չի կարող լինել, և նա գործածվում է միայն մի քանի օր։ Գյորի Ռուդում ես տեսա մի տեղ, ուր քնել էր այս մերկ մարդկանցից մեկը. կարելի է ասել բացարձակապես, որ այդ ուիգվամն ավելի լավ ծածկված չէր, քան նապաստակի բունը։ Ըստ երևույթին այդ մարդն ապրում էր մենակ, և Յորք Մինստըրն ասում էր, որ նա «շատ վատ մարդ է», և յար հավանորեն նա մի բան գողացած կլինի։ Արևմտյան ափի ուիգվամները քիչ ավելի լավ են, որովհետև նրանք, ծածկված են փոկի մորթիներով։ Վատ եղանակի պատճառով մենք ստիպված եղանք մի քանի օր մնալ այստեղ։ Կլիման այստեղ շատ խղճուկ է. ամառային արևադարձն այժմ անցել էր, բայց ամեն օր բլուրների վրա ձյուն էր թափվում, իսկ ձորերում անձրև էր տեղում, որի հետ միաժամանակ մանրակարկուտ։ Ջերմաչափը սովորաբար ցույց էր տալիս 45°,[124] իսկ գիշերը լինում էր 38° կամ 40°։ Այդ մթնոլորտի մշտական խոնավ և փոթորկոտ վիճակի պատճառով, որը չի ժպտում արևի և ոչ մի շողով, մարդ ավելի վատ է պատկերացնում կլիման, քան իրապես էր։

Ուոլաստոն կղզու մոտ մի օր ափերով գնալիս անցանք մի նավակի մոտով, որի մեջ կային վեց հրո-երկրացիներ։ Սրանք իմ տեսած բոլոր արարածներից ամենաթշվառները և ամենանվաստներն էին։ Ինչպես տեսանք՝ արևելյան ափին բնիկները հագնում են գուանակոյի մորթի, իսկ արևմուտքում՝ փոկի մորթի։ Այս կենտրոնական ցեղերի մեջ մարդիկ սովորաբար ունեն ջրասամույրի մորթի կամ գրպանի թաշկինակի մեծության մորթու փոքր կտորներ, որոնք հազիվ թե բավական լինեն նրանց կռնակը մինչև մեջքները ծածկելու։ Նրա ծայրերից տանում են մի երիզ, որն անցնում է կրծքի վրայով և նայած քամու փչելու ուղղության՝ այս մորթին շարժվում է մի կազմից մյուսը։ Բայց այս նավակում գտնվող հրո-երկրացիները կատարելապես մերկ էին, և մինչև անգամ մի չափահաս կին միանգամայն մերկ էր։ Ուժեղ անձրև էր գալիս, և անձրևի ջուրը ծովից ցայտող ջրի հետ սահում էր նրա մարմնի վրայով։ Մի այլ նավակայանում, ոչ շատ հեռու, մի կին, որը կրծքով կերակրում էր մի նորածին երեխայի, եկավ մի օր նավի մոտ և սոսկ հետաքրքրության համար մնաց այնտեղ, այնինչ անձրևախառն կարկուտը թափվում և հալվում էր նրա մերկ կրծքի և երեխայի մերկ մարմնի վրա։ Այս խեղճ թշվառները լրիվ չէին աճում, նրանք այլանդակ դեմքերն աղտոտված էին լինում սպիտակ ներկով, մորթը կեղտոտ և յուղոտ, մազերը խճճված, ձայներն աններդաշնակ, շարժուձևերը վայրագ։ Տեսնելով այսպիսի մարդկանց՝ հազիվ թե մեկը կարողանա հավատացած լինել, որ նրանք ևս մեզ հետ միասին ապրում են միևնույն աշխարհում։ Հաճախ հարց է առաջանում, թե ի՜նչպիսի հաճույք են վայելում կյանքում մի քանի ցածր կարգի կենդանիներ։ Ո՜րչափ ավելի բանական է այդ նույն հարցը տալ այս բարբարոսների վերաբերյալ։ Գիշերը հինգ-վեց մարդկային էակներ, մերկ և հազիվ թե պաշտպանված այս փոթորկոտ կլիմայի անձրևից և քամուց, կենդանիների պես կուչ եկած՝ քնում են թաց գետնի վրա։ Երբ տեղատվություն է լինում, ձմեռ թե ամառ, գիշեր թե ցերեկ, նրանք պետք է վեր կենան, որպեսզի քարերի միջից խեցիներ հավաքեն. իսկ կանայք կամ սուզվում են ջուրը փափկամորթներ հավաքելու համար, կամ նստում են համբերությամբ իրենց նավակները և մազե կեռ թելիկով, առանց կարթի, դուրս են նետում փոքրիկ ձկներ։ Երբ սպանում են մի փոկի կամ հայտաբերում նեխված կետի լողացող մնացորդները, այդ նրանց համար տոն ու խնջույք է և այսպիսի ողորմելի սնունդին միացնում են նաև մի քանի անհամ հատապտուղ կամ սունկ։

Հաճախ նրանք տառապում են սովից. ես լսել եմ մր. Լոուից,— մի մարդ, որն զբաղվում է փոկի արդյունաբերությամբ և մոտիկից ծանոթ է այս երկրի բնիկներին,— արևմտյան ափին գտնվող հարյուր հիսուն մարդուց կազմված մի խմբի վիճակի մասին մի շատ հետաքրքրական զեկուցում։ Սրանք շատ նիհար են լինում և մատնված մեծ անհաջողության։ Անընդհատ իրար հաջորդող քամիները չեն թողնում, որ կանայք քարերի միջից խեցիներ հավաքեն, ինչպես և չէին կարող նավակներով գնալ փոկ որսալու։ Այս մարդկանցից մի փոքր խումբ մի առավոտ ճամբա է ընկնում, մյուս հնդիկները բացատրում են մր. Լոուին, որ սրանք չորս օրվա ճանապարհ էին գնալու՝ սնունդ ճարելու համար, վերադարձի ժամանակ մր. Լոուն գնում է նրանց տեսնելու և գտնում է նրանց ծայր աստիճան հոգնած. յուրաքանչյուր մարդ կրելիս է եղել մի մեծ քառակուսի կտոր նեխած կետի ճարպ' մեջտեղը ծակած, որի միջից նրանք անցկացնում են իրենց գլուխը, ինչպես գաուչոներն են անում իրենց պոնչոների կամ կրկնոցների հետ։ Հենց որ ճարպը բերվում է մի ուիգվամ, մի ծերունի շերտ-շերտ կտրատում է այն և մրթմրթալով նրանց վրա՝ մի րոպե խորովում է կրակի վրա և բաժանում սովահար խմբին, որոնք այդ պահին պահպանում են խորը լռություն։ Մր. Լոուն հավատացած է, որ երբ մի կետ ափն է ընկնում, բնիկները նրանից կտրում են մեծ կտորներ և թաղում ավազի մեջ՝ սովի ժամանակ օգտագործելու համար. և նրա նավում գտնվող մի բնիկ տղա մի անգամ գտել է թաղված այսպիսի մի պահեստ։ Պատերազմի ժամանակ թշնամի ցեղերն իրար նկատմամբ մարդակեր են։ Ե՛վ Ջիմմի Բըթընը, և՛ մր. Լոուի վերցրած տղան, իրարից բոլորովին անկախ, վկայում էին միևնույն փաստը, թե ձմեռը քաղցից նեղվելով՝ նրանք նախքան շները մորթելը սպանում են իրենց ծեր կանանց և լափում։ Երբ մր. Լոուն հարցնում է, թե ինչո՞ւ շների փոխարեն կանանց են սպանում, տղան պատասխանում է՝ «շները ջրասամույրներ են բռնում, ծեր կանայք՝ ոչ»։ Այդ տղան նկարագրել է, թե ինչպես են նրանք սպանում պառավ կանանց՝ բռնելով նրանց ծխի վրա՝ մինչև խեղդվելը։ Նա նրանց ճիչերն օրինակել է՝ իբրև թե կատակով, և նկարագրել է մարմնի այն մասերը, որոնք ուտելու համար ամենալավն են համարվում։ Որչափ էլ քստմնելի լինի այսպիսի իրենց բարեկամների ձեռքով, երբ քաղցն սկսում է նեղել, այդ պառավ կանանց երկյուղն ավելի է տանջում, երբ մտածում են իրենց սպասող մահվան մասին։ Մեզ պատմում էին, որ այդ դեպքերում նրանք հաճախ փախչում են լեռները, բայց մարդիկ հետապնդում են նրանց և բերում սպանդանոց, իրենց սեփական օջախի վրա։

Կապիտան Ֆից Ռոյը երբեք չկարողացավ ստուգել, թե արդյոք հրո-երկրացիները որևէ որոշակի հավատք ունեին դեպի հանդերձյալ կյանքը։ Երբեմն նրանք իրենց մեռածների դիակները թաղում են քարանձավներում և երբեմն էլ լեռնային անտառներում. մեզ հայտնի չէ, թև ինչպիսի ծիսակատարություններ են կատարում։ Ջեմմի Բըթընը չէր ուզում ցամաքային թռչունների միս ուտել, որովհետև «նրանք մեռած մարդիկ են ուտում». նրանք չեն ուզում մինչև անգամ հիշել իրենց մեռած բարեկամներին։ Ոչ մի հիմք չկա ենթադրելու, թե նրանք որևէ տեսակ կրոնական պաշտամունք կատարում են, թեև կարող է պատահել, որ ծերունու մրթմրթոցը, նեխած ճարպն իր սովահար խմբին բաժանելուց առաջ, նման մի բան է։ Յուրաքանչյուր ընտանիք կամ ցեղ ունի իր կախարդը կամ վհուկ բժիշկը, որի պաշտոնը երբեք չկարողացանք պարզ որոշել։ Ջեմմին հավատում էր երազներին, թեև ոչ, ինչպես ասել եմ, սատանաներին։ Չեմ կարծում, որ մեր հրո-երկրացիներն ավելի սնոտիապաշտ լինեին, քան նավաստիներից մի քանիսը, որովհետև մի ծեր նավաստի խորապես հավատացած էր, որ հաջորդաբար փչող ուժեղ քամիները, որոնց հանդիպեցինք Հոռն հրվանդանի կողմերում, հետևանք էին այն բանի, որ նավում հրո-երկրացիներ ենք պահում։ Կրոնական զգացումների ամենամոտիկ արտահայտությունը, որը լսեցի, եղավ Յորք Մինստըրի կողմից, որը, երբ մր. Բայնոն մի քանի շատ փոքր բադի ձագեր սպանեց նմուշի համար, վերին աստիճանի հանդիսավոր եղանակով աղաղակեց. «Ո՜հ, մր. Բայնո՛, շատ անձրև, ձյուն, բուք բորան»։ Ըստ երևույթին այդ համարվում էր մի հատուցող պատիժ մարդկային սննդանյութը փչացնելու համար։ Մեծ ոգևորությամբ և վայրի շարժումներով նա պատմում էր նաև, որ իր եղբայրը մի որ վերադառնում է ծովափ՝ այնտեղ թողած սատկած թռչունները հավաքելու համար և նկատում է քամու քշած-տարած մի քանի փետուր։ Եղբայրն ասում է (Յորքն օրինակում է նրա շարժուձևը). «Ի՞նչ է այդ», և սողալով առաջ՝ գաղտնի դիտում է գահավանգը և տեսնռւմ մի «վայրենի մարդ» իր թռչունները հավաքելիս, քիչ ավելի մոտ է սողում և ապա ներքև է նետում մի մեծ քար և սպանում նրան։ Յորքը հայտարարեց, որ այնուհետև երկար, ժամանակ քամին կատաղեց և շատ անձրև ու կարկուտ տեղաց։ Ինչքան որ մենք կարող էինք հասկանալ, թվում էր, թե նա բնության տարերքները նկատում էր որպես վրիժառու գործոններ։ Այս դեպքում ավելի ակներև է դառնում բնականորեն, թե ինչպես կուլտուրապես քիչ առաջ գնացած ցեղի մոտ տարերքները կարող էին ներկայանալ որպես անձնավորություն։ Թե ինչ էին «վայրենի մարդիկ», այդ ինձ համար միշտ մնացել է վերին աստիճանի խորհրդավոր բան. Յորքի ասածից ելնելով, երբ մենք գտանք նապաստակի բնի նման մի տեղ, որտեղ նախորդ գիշերը քնել էր մի մարդ, ես կենթադրեի, որ սրանք գողեր են՝ իրենց ցեղերից. հալածված, բայց այլ աղոտ խոսակցություններ իմ մեջ կասկածներ էին առաջացնում այդ մասին։ Երբեմն ես մտածել եմ, որ ամենահավանական բացատրությունն այն է, որ այդ առանձնացած մարդիկ խելագարներ են։

Այդ տարբեր ցեղերը չունեն ոչ կառավարություն, ոչ առաջնորդ, այնինչ յուրաքանչյուրը շրջապատված է այլ թշնամի ցեղերով, որոնք խոսում են տարբեր բարբառներով և իրարից բաժանված են միայն անմարդաբնակ սահմաններով կամ չեզոք տերիտորիայով։ Սրանց կռվի պատճառն, ըստ երևույթին, ապրուստ ճարելն է։ Նրանց երկիրը ներկայացնում է ահռելի ժայռերի բեկորներ, բարձր բլուրներ և անպետք անտառներ, և դրանք երևում են անվերջ փոթորիկների և մշուշների միջից։ Բնակելի մաս կարելի է հաշվել միայն առափնյա քարերը. սնունդ որոնելու համար նրանք ստիպված են անդադար թափառել տեղից-տեղ, իսկ ափն այնպես է գահավեժ է, որ նրանք հազիվ են կարողանում շարժվել իրենց ողորմելի նավակներում։ Նրանց համար ընտանիք ունենալու զգացմունքն անծանոթ է (իսկ ընտանեկան կապն ավելի վատթար վիճակում է գտնվում, որովհետև ամուսինը դեպի իր կինն զգում է այն, ինչ որ մի անխիղճ տեր զգում է դեպի իր ժրաջան ստրուկը։ Արդյոք կարո՞ղ է լինել ավելի նողկալի արարք, քան այն, որին ականատես է եղել Բայրոնն արևմտյան ափին. նա տեսել է, թե ինչպես մի թշվառ մայր գետնից վերցնելիս է եղել իր արյունլվա մեռնող երեխային, որին իր ամուսինն անգթորեն շպրտել է քարերի վրա՝ մի կողով ծովոզնի գցած լինելու համար։ Ո՜րչափ քիչ են հանդես գալիս մտքի բարձր կարողությունները։ Ի՞նչ կա այստեղ երևակայությանը՝ պատկերելու համար, բանականությանը՝ բաղդատելու համար, դատողությանը՝ որպեսզի վճիռ հանի։ Քարերի արանքներից խեցի հանելու համար անհրամեշտ չէ ունենալ մինչև անգամ խորամանկություն, մտքի այդ ամենացածր կարողությունը։ Նրանց հմտությունը մի քանի կողմերով կարելի է համեմատել կենդանիների բնազդի հետ, որովհետև նա չի զարգանում փորձից. նրանց նավակը, որը նրանց ամենահանճարեղ գործն է, իր ամբողջ ողորմելիությամբ մնացել է այն, ինչ որ նկարագրել է Դրեյքը երկու հարյուր հիսուն տարի առաջ։

Երբ մարդ դիտում է այս վայրենիներին, նրա գլխում հարց է ծագում, թե ո՞րտեղից են եկել այս վայրենիները։ Ի՞նչը կարող էր գայթակղեցնել կամ ի՞նչ փոփոխություն կարող էր ստիպել մարդկային մի ցեղի՝ թողնել հյուսիսի գեղեցիկ վայրերը, ճանապարհորդել Կորդիլյերները կամ Ամերիկայի լեռնաշղթան, հնարել և կառուցել մի նավակ, որը ոչ Չիլիի և ոչ էլ Պերուի կամ Բրազիլիայի ցեղերն են գործածում, և ապա մտնել երկրագնդի ամենածայրի ամենաանհյուրընկալ երկրներից մեկը։ Թեև նման իորհրդածություններ սկզբում գրավում են մարդու միտքը, բայց պետք է ընդունել, որ այդ մասամբ ճիշտ չէ։ Ոչ մի հիմք չկա հավատալու, որ հրո-երկրացին թվով վազում է. եթե այդ այդպես է, պետք է ենթադրել, որ նրանք վայելում են բավարար երջանկություն, ինչ տեսակի էլ լինի այդ, որը կյանքը դարձնում է ապրելու արժանի։ Բնությունը սովորությունը դարձնելով ամենազոր և նրա գործողության արդյունքները ժառանգական, հրո-երկրացուն հարմարեցրել է իր ողորմելի երկրի կլիմային և արտադրանքին։

Վեց օր վատ եղանակի պատճառով Ուիգվամի ծոցում փակվելուց հետո դեկտեմբերի 30-ին դուրս եկանք դեպի ծով։ Կապիտան Ֆից Ռոյն ուզում էր գնալ դեպի արևմուտք՝ Յորքին և Ֆուեգիային իրենց երկիրն ափ հանելու համար։ Ծովի վրա եղած ժամանակ շարունակ փչում էր մի քամի, իսկ հոսանքը մեզ հակառակ էր. քամին մեզ քշեց մինչև 57°23՛ հարավ։ 1833-ի հունվարի 11-ին, առագաստները մաքսիմում չափով պարզելով, մենք գտնվում էինք Յորք Մինստըր մեծ սարից (այդպես է անվանել այդ լեռը կապիտան Կուկը, որտեղից և մեծահասակ հրո-երկրացու անվան ծագումը) մի քանի մղոն հեռավորության վրա, երբ հանկարծակի առաջացած մի ուժեղ քամի ստիպեց մեզ նվազեցնել առագաստները և նորից դուրս գալ ծով։ Կոհակները սոսկալի բախվում էին ափերին և ջրի ցայտերը հասնում էին մինչև երկու հարյուր ոտնաչափ բարձրություն ունեցող մի գահավանդի։ 12-ին փոթորիկը խիստ ուժեղացավ, և մենք հաստատ չգիտեինք, թե ո՛րտեղ ենք գտնվում. չափազանց անհաճո էր մեզ համար լսել անընդհատ կրկնվող բառերը՝ «Լավ ուշադիր եղեք դեպի քամու փչած ուղղությունը»։ 13-ին փոթորիկը բորբոքվել էր իր լրիվ կատաղությամբ. մեր հորիզոնը շատ էր նեղացել քամու առաջացրած ցայտերից։ Ծովն ստացել էր մի չարագուշակ տեսք. նա նման էր տատանվող տխուր հարթավայրի, որի վրա տեղ-տեղ կարծեք թե ձյուն է կուտակված. մինչ նավը ծանր տատանումների էր մատնված, ալբատրոսը իր տարածած թևերով սահում էր ուղիղ քամու միջից վեր։ Կեսօրին մի մեծ ալիք փշրվեց մեզ վրա և լցրեց կետորսական նավակներից մեկը, ստիպված էին այն կտրել ու հեռացնել։ Խեղճ «Բիգլ»-ը դողում էր հարվածներից և մի քանի րոպե չէր ուզում հնազանդվել իր ղեկին, բայց շուտով, ինչպես մի լավ նավ, նա ուղղվեց և եկավ նորից դեպի քամին։ Եթե նման մի մեծ ալիք հաջորդեր առաջինին, մեր բախտը վաղուց և ընդմիշտ վճռված կլիներ։ Արդեն քսանչորս օր էր, որ իզուր փորձում էինք շարժվել դեպի արևմուտք. մարդիկ ուժասպառ էին եղել հոգնածությունից, և մի քանի գիշեր և ցերեկ էր, որ ոչ մի չոր բան չէր մնացել հագնելու։ Կապիտան Ֆից Ռոյը փորձեց դեպի արևմուտք շարժվել դրսի ափով։ Երեկոյան մտանք Կեղծ Եղջերու հրվանդանի հետևը և խարիսխ գցեցինք քառասուն յոթ գրկաչափ խորության մի կետում. կայծ էր թռչում ոլորանից, երբ շղթան անցնում էր նրա շուրջը։ Ո՜րչափ հաճելի էր այդ խաղաղ գիշերը մարտնչող տարերքի ժխորի մեջ այդքան երկար փակվելուց հետո։

Հունվարի 15, 1833.— «Բիգլ»-ը խարիսխ գցեց Գյորի Ռուդում։ Կապիտան Ֆից Ռոյը որոշած լինելով նավում գտնվող հրո-երկրացիներին ըստ իրենց ցանկության Պոնսոնբի նեղուցում ափ հանել, պատրաստել տվեց չորս նավակ՝ Բիգլի նեղուցով նրանց տանելու համար։ Այո նեղուցը որը հայտնագործել է կապիտան Ֆից Ռոյը վերջին ճանապարհորդության ժամանակ, աշխարհագրական տեսակետից վերին աստիճանի բնորոշ է ոչ միայն այդ, այլ և այլ երկրների համար։ Այդ նեղուցը կարելի է համեմատել Շոտլանդիայի Լոչ Նես հովտի հետ՝ իր լճերի շղթայով և փոքրիկ ծովախորշերով։ Նա ունի մոտ հարյուր քսան մղոն երկարություն, իսկ լայնությունը, որը տարբեր մասերում այնքան էլ մեծ տարբերություններ չի ներկայացնում, միջին հաշվով երկու մղոն է և ծայրեիծայր մեծ մասամբ այնպես կատարյալ ուղիղ է, որ տեսարանը, որը երկու կողմից եզերվում է լեռների շարքերով, աղոտանում, անորոշանում է մեծ հեռավորության վրա։ Նա կտրում անցնում է Հրո Երկրի հարավային մասը արևելքից արևմուտք ուղղությամբ, և մեջտեղում հարավային կողմի վրա նրան միանում է ուղիղ անկյունով մի անկանոն նեղուց, որը կոչվել է Պոնսոնբի նեղուց։ Այս Ջեմմի Բըթընի և իր ցեղի հայրենիքն է, այստեղ է ապրում նրա ցեղը։

Հունվարի 19.— Երեք կետորսական նավակ և մեկ մակույկ քսանութ հոգուց կազմված մի խմբով՝ կապիտան Ֆից Ռոյի հրամանատարությամբ ճանապարհ ընկանք։ Կեսօրից հետո մտանք նեղուցի արևելյան բերանը, և կարճ ժամանակից հետո գտանք մի հանդարտ և տաք խորշիկ՝ ծածկված. շրջապատող մի քանի կղզյակներով։ Այստեղ կանգնեցրինք մեր վրանները և վառեցինք մեր խարույկները։ Ոչ մի բան այնքան հանգստացնող չէր կարող լինել, որքան այս տեսարանը։ Փոքրիկ նավակայանի ապակու չափ թափանցիկ ջուրը, ծառերի ճյուղերը ժայռոտ ափերին կախված, նավակները՝ խարիսխների վրա կանգնած, վրանները՝ խաչաձևած թիակներին հենված, և ծուխը, որը բարձրանում էր անտառապատ հովտով,— այս բոլորը կազմել էին մի կատարյալ խաղաղ և մեկուսացած պասակեր։ Հաջորդ օրը (20-ին) հանդարտ սահելով առաջ՝ մեր փոքր նավատորմիղով եկանք համեմատաբար քիչ ավելի շատ բնակչություն ունեցող շրջան։ Եթե կար այդ բնիկների մեջ սպիտակամորթ տեսած. մարդ, ապա այդպիսիների թիվը պետք է որ շատ սահմանափակ լիներ, հիրավի, ոչ մի բան այնքան զարմանալի չէր լինի նրանց համար, որքան չորս նավակների երևալը։ Ամեն մի կետում սկսեցին վառվել կրակները (այստեղից էլ առաջացել է Հրո Երկիր անունը). այդ բոցերի նպատակն էր նախ մեր ուշադրությունը հրավիրել, ապա մեր գալու լուրը հեռուները տարածել։ Նրանցից մի քանիսը մի քանի մղոն վազեցին ափով։ Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես մի վայրենի և տարօրինակ խումբ երևաց. հանկարծակի չորս հինգ հոգի եկան մեզ վրա նայող մի գահավանդի ծայրը, նրանք բացարձակորեն մերկ էին, և նրանց երկար մազերը թափվել էին նրանց դեմքերին. ձեռքերին ունեին կոշտ փայտեր և ցատկելով գետնից վեր՝ նրանք իրենց թևերը շարժում էին գլխի շուրջը և գոռում ամենասոսկալի ոռնոցներով։

Ճաշի ժամանակ ափ իջանք մի խումբ հրո-երկրացիների մեջ։ Սկզբում նրանք բարեկամաբար չէին տրամադրված, որովհետև քանի դեռ կապիտանը չէր եկել առաջ՝ նրանք իրենց պարսատիկները պահել էին ձեռքներին։ Մենք շուտով նրանց ուրախացրինք մեր չնչին նվերներով, օրինակ՝ նրանց գլխի շուրջը կարմիր ժապավեն կապելով։ Նրանք սիրում էին մեր չորացրած հացերը, բայց վայրենիներից մեկը իր մատներով շոշափեց թիթեղյա արկղում պահած միսը, որը ես ուտում էի, և զգալով նրա փափկությունն ու սառնությունը՝ այնպիսի մի զզվանք արտահայտեց, ինչպիսի զզվանք, ես կարտահայտեի նեխած ճարպի վրա։ Ջեմմին կատարելապես ամաչում էր իր հայրենակիցների այդ վիճակից և հայտարարում էր, որ իր ցեղի մարդիկ բոլորովին տարբերվում են սրանցից, բայց պետք է ասել, որ նա դառնապես սխալվում էր։ Որչափ որ հեշտ էր այս վայրենիներին հաճելի թվալ, նույնչափ էլ դժվար էր նրանց գոհացնել։ Երիտասարդ, և ծեր մարդ ու երեխա երբեք չէին դադարում «յամերշուներ» բառը կրկնելուց, որ նշանակում է «տուր ինձ»։ Մեկը մյուսի հետևից մատնանշելով գրեթե բոլոր առարկաները, մինչև անգամ մեր վերարկուների կոճակները, և ասելով իրենց սիրած խոսքը՝ բոլոր հնարավոր ինտոնացիաներով այնուհետև սկսեցին աննպատակ և իզուր կրկնել նույն խոսքը՝ «յամերշուներ»։ Երբ մի առարկա շատ էր դուր գալիս նրանց, երկար յամերշուներելուց հետո պարզ հնարագիտությամբ մատնանշում էին իրենց երիտասարդ կանանց կամ փոքր երեխաներին, կարծեք թե ուզում էին ասել «Եթե ինձ չես տալիս, անպայման սրանց կտաս»։

Իզուր էին մեր բոլոր ջանքերը՝ այնպիսի մի խորշ գտնելու, որի շրջապատում բնակիչներ չլինեին. և վերջիվերջո ստիպված էինք բացօթյա գիշերել այնպիսի մի տեղ, որը հեռու չէր մի խումբ բնիկներից։ Երբ նրանց թիվը փոքր էր, նրանք կատարյալ անվնաս էին, բայց առավոտյան (21-ին) միանալով այլ խմբերի հետ՝ ցույց էին տալիս որոշ թշնամական նշաններ, և կարծում էինք, որ կարող էր որոշ բախում տեղի ունենալ։

Եվրոպացին շատ աննպաստ պայմաններում է գտնվում, երբ գործ է ունենում այդպիսի վայրենիների հետ, որոնք ոչ մի գաղափար չունեն հրազենի զորության մասին։ Հենց իր հրացանն ուղղելիս նա վայրենու աչքում ավելի ստորադաս է երևում, քան աղեղ ու նետով, նիզակով, կամ մինչև անգամ պարսատիկով զինված մարդը։ Ոչ էլ հեշտ է սովորեցնել նրանց մեր գերազանցությունը՝ մինչև մի մահացու հարված չհասցնենք։ Վայրի գազանների նման, թվում է, թե նրանք նկատի չեն առնում նաև թվական առավելությունները, որովհետև նրանցից յուրաքանչյուր անհատ հարձակման ենթարկվելիս նահանջելու փոխարեն ամեն կերպ աշխատում է մարդու ուղեղը քարով դուրս թափել այնպես, ինչպես նույն պայմաններում վագրը կարող է բզկտել մարդուն։ Կապիտան Ֆից Ռոյը մի անգամ մի շարք կարևոր հանգամանքներ նկատի ունենալով՝ շատ էր ուզում ահաբեկել և ցրել մի խումբ. սկզբում նրանց մոտ շողշողացրեց մի կիսասուր, որը միայն ծիծաղ առաջացրեց նրանց շարքում, այնուհետև մի բնիկի ականջի մոտից երկու անգամ կրակեց իր ատրճանակը։ Մարդը երկու անգամն էլ նայեց ապշած և զգուշ, բայց արագ շփեց իր գլուխը. ապա հայացքը սևեռելով մի պահ՝ դեպի իր ընկերներն ուղղեց մի քանի մրթմրթոցներ, բայց թվում է թե փախչելու մասին նա երբեք չէր մտածում։ Մեզ համար շատ դժվար էր մտնել այս վայրենիների դրության մեջ և հասկանալ նրանց վարմունքը։ Ինչ վերաբերում է այս հրո-երկրացուն, այնպիսի մի ձայն, ինչպես հրացանի պայթյունն է իր ականջի տակին, հավանորեն երբեք նրա միտքը չի մտել։ Գուցե նա մի պահ չհասկացավ, թե ի՛նչ էր այդ, ձա՞յն էր, թե հարված, ուստի և շատ բնականորեն բռնեց իր գլուխը։ Միևնույն ձևով, երբ վայրենին տեսնում է գնդակով նշանացույցին խփելիս, երկար ժամանակ է պետք նրան, որպեսզի կարողանա հասկանալ, թե այդ ի՛նչպես կատարվեց. որովհետև գուցե նրա համար բոլորովին անըմբռնելի է, արագությունից անտեսանելի դարձած գնդակի փաստը։ Բայց այդ, այն հանգամանքը, որ գնդակը մեծ ուժի շնորհիվ թափանցում է պինդ մարմինները՝ առանց նրանց փշրելու կամ ճաքճքեցնելու, այն համոզումն է առաջացնում նրանց մեջ, որ նա բոլորովին էլ ուժ չունի։ Աներկբայորեն ես հավատացած եմ, որ ամենացածր աստիճանի շատ վայրենիներ, ինչպես հրո-երկրացիներն ենք տեսած կլինեն հրացանով առարկաներին խփելը կամ փոքր թռչուններ սպանելը, առանց ամենափոքր չափով հասկանալու, թե ինչպիսի մահացու գործիք է այն։

Հունվարի 22.— Անցկացնելով մի հանգիստ գիշեր ըստ երևույթին մի չեզոք տերիտորիայում, որը գտնվում է Ջեմմիի ցեղի և մեր երեկվա տեսած ցեղի միջև, ուրախ և զվարթ նավարկեցինք առաջ։ Ես չգիտեմ ոչ մի բան, որն ավելի պարզ ցույց տար տարբեր ցեղերի միջև գոյություն ունեցող թշնամական դրությունը, քան այս լայն սահմանները կամ չեզոք տարածությունները։ Թեև Ջեմմի Բըթընը շատ լավ գիտեր մեր խմբի ուժը, բայց այնուամենայնիվ սկզբում չէր ուզում, որ իր ցեղին հարևան ցեղի մեջ ափ դուրս գանք։ Նա հաճախ մեզ պատմում էր, թև ինչպես վայրենի օենսի մարդիկ «երբ տերևը կարմրի», Հրո Երկրի արևելյան ափից անցնելով լեռները՝ արշավանքներ էին կազմում երկրի այս մասի բնիկների վրա։ Չափազանց հետաքրքրական էր դիտել Ջեմմիին, երբ նա խոսում էր այդ արշավանքների մասին. նրա աչքերն ստանում էին առանձին փայլ, իսկ ամբողջ դեմքն ընդունում էր մի նոր վայրենաբարո արտահայտություն։ Որքան առաջ էինք շարժվում Բիգլի ջրանցքով, այնքան տեսարանը հետզհետե ստանում էր յուրահատուկ և վերին աստիճանի հոյակապ տեսք. բայց մենք չէինք կարող ստանալ նրա ամբողջ էֆեկտը, որովհետև գտնվում էինք մի նավակում և դիտելու տեսակետից ցածր դիրքում և կորցնում էինք իրար հաջորդող բլրաշարքերի ամբողջ գեղեցկությունը։ Լեռներն այստեղ ունեն մինչև երեք հազար ոտնաչափ բարձրություն և վերջանում են սուր ու հերձոտ գագաթներով։ Նրանք բարձրանում էին առանց ընդմիջման, ուղղակի ծովափից և մինչև հազար չորս հարյուր կամ հազար հինգ հարյուր ոտնաչափ բարձրությունը ծածկված էին մութ անտառներով։

Չափազանց հետաքրքրական էր դիտել որքան աչքը կարող է տեսնել, թե ո՜րքան հարթ և հորիզոնական էր լեռան լանջից տարած այն գիծը, որից վերև այլևս ծառեր չեն աճում. նա ճիշտ և ճիշտ նման էր ծովեզրերում ափ նետված ծովային խոտերի վրա մակընթացության ջրերի թողած հետքերին։

Գիշերը քնեցինք Պոնսոնբի նեղուցի և Բիգլի ջրանցքի միացման մոտիկ մի տեղում։ Հրո-երկրացիների մի փոքր ընտանիք, որն ապրում էր փոքրիկ ծոցի ափին, շուտով միացավ մեր խմբին և շարվեց բոցավառվող կրակի շուրջը. նրանք իրենց պահում էին շատ հանգիստ և ոչ հարձակողական։ Մենք լավ հագնված էինք և թեև նստած էինք կրակին շատ մոտիկ, բայց դարձյալ շոգը հեռու էր մեզնից. այնինչ այս մերկ վայրենիները, թեև ավելի հեռու, նկատում էինք մեծ զարմանքով, որ այնպես էին քրտնել, որ քրտինքը հոսում էր նրանց վրայից։ Այնուամենայնիվ նրանք շատ գոհ էին, և բոլորը միացան նավաստիների խմբական երգին. բայց ծիծաղելին այն էր, որ նքանք միշտ ետ էին մնում։

Մեր գալստյան լուրը տարածվել էր գիշերը, և առավոտյան կանուխ (23-ին) մեզ մոտ ժամանեց մի նոր խումբ, որոնք պատկանում էին աեկինիկա կամ Ջեմմիի ցեղին։ Նրանցից մի քանիսն այնքան արագ էին վազել, որ քթներից արյուն էր հոսում, իսկ բերանները փրփրել էր արագ խոսելուց. նրանք իրենց մերկ մարմիններին քսել էին սպիտակ[125] և կարմիր ներկեր։ Նրանք նման էին այն բազմաթիվ դիվային տիպերին, որոնք կարծեք թե նոր են վերջացրել կռիվը։ Այնուհետև Պոնսոնբի նեղուցով շարունակեցինք շարժվել առաջ (մեզ հետ կար տասներկու նավակ, յուրաքանչյուրի մեջ տեղավորվել էին չորս-հինգ մարդ). մենք գնում էինք դեպի մի կետ, որտեղ խեղճ Ջեմմին սպասում էր, թե կգտնի իր մորը և բարեկամներին։ Նա լսել էր արդեն, որ իր հայրը մեռել է, բայց որովհետև նա արդեն «գլխում ուներ մի երազ» այդ վերջավորության մասին, ուստի շատ չէր մտածում և շարունակ մխիթարում էր իրեն շատ բնական մի կշռադատումով՝ «Ինձ ի՞նչ կարող անեմ»։ Նա չէր կարող իմանալ և ոչ մի մանրամասնություն իր հոր մահվան մասին. իր բարեկամները չէին ուզում այդ մասին խոսել։

Ջեմմին այժմ գտնվում էր մի շրջանում, որը շատ լավ ծանոթ էր իրեն, և նավակներին առաջնորդեց դեպի մի հանդարտ, գեղեցիկ ծոց, որը կոչվում է Վուլյա։ Այս ծոցը շրջապատված էր կղզյակներով, որոնցից յուրաքանչյուրը և յուրաքանչյուր կետ ուներ իր տեղական առանձին անունը։ Այստեղ մենք գտանք Ջեմմիի ցեղի մի ընտանիք, բայց ոչ նրա բարեկամներին. նրանց հետ բարեկամանալուց հետո երեկոյան մի նավակ ուղարկեցին նրանք Ջեմմիի մորը և եղբայրներին Ջեմմիի գալուստը հաղորդելու համար։ Ծոցը շրջապատված էր մի քանի ակր լավ, թեք ցամաքով, որը մյուս վայրերի նման չէր ծածկված տորֆով կամ անտառով։ Կապիտան Ֆից Ռոյը, ինչպես սկզբում ասացինք, մտադիր էր Յորք Մինստըրին և Ֆուեգիային տանել իրենց ցեղի մոտ, որը գտնվում էր արևմտյան ափին, բայց որովհետև նրանք ցանկություն հայտնեցին մնալ այստեղ, և որովհետև այս վայրը եզակիորեն բարենպաստ տեղ էր, այդ պատճառով կապիտան Ֆից Ռոյը որոշեց ամբողջ խումբը թողնել այստեղ, ինչպես և միսիոներ Մաթյուսին։ Հինգ օր զբաղված էինք նրանց համար երեք մեծ ուիգվամ կառուցելով, նրանց գույքը ափ հանելու, երկու պարտեզ փորելու և սերմեր ցանելու գործով։

Մեր ժամանման հաջորդ առավոտը (24-ին) հրո-երկրացիներն սկսեցին ներս թափվել, եկան և Ջեմմիի մայրն ու եղբայրները։ Ջեմմին ահագին հեռավորությունից ճանաչեց իր եղբայրներից մեկի ստենտորային[126] ձայնը։ Նրանց հանդիպումն ավելի քիչ էր հետաքրքրական, քան ձիերինը, երբ վերջիններիցս մեկը դաշտից վերադառնալով հանդիպում է իր հին ընկերոջ։ Սիրո ոչ մի ցույց. չկար. նրանք մի քանի րոպե պարզ նայում էին իրար, և մայրն անմիջապես գնաց իր նավակին հսկելու։ Սակայն Յորքը մեզ պատմեց, որ Ջեմմիի կորստի առթիվ մայրը շատ է տխրել, և ամեն տեղ փնտրել է նրանք մտածելով, թե նավակ նստեցնելուց հետո գուցե նորից բաց են թողել։ Կանայք շատ էին ուշադրություն դարձնում Ֆուեգիային և դեպի նա շատ բարի էին։ Շուտով նկատեցինք, որ Ջեմմին գրեթե մոռացել էր իր մայրենի լեզուն։ Կարծում եմ, որ հազիվ թե լիներ մարդկային մի այլ էակ այդքան քիչ լեզվական պաշարով, որովհետև նրա անգլերենը շատ թերի էր։ Ծիծաղելի էր, ինչպես և խղճալի, տեսնել նրան իր վայրենի եղբոր հետ անգլերեն խոսելիս և ապա սպաներեն հարցնելիս, թե հասկացավ արդյոք („no sabe?”)։

Հաջորդ երեք օրերում ամեն ինչ կատարվում էր հանգիստ. այդ ժամանակ փորում էին պարտեզները և շինում ուիգվամները։ Մեր հաշվով բնիկները հարյուր քսան հոգի էին։ Կանայք շատ ծանր էին աշխատում, մինչդեռ տղամարդիկ ամբողջ օրը քաշ էին գալիս այս ու այն կողմ և դիտում մեզ։ Նրանք ուզում էին այն ամենը, ինչ որ տեսնում էին, և գողանում՝ ինչ որ կարող էին։ Նրանց դուր էր գալիս մեր պարը և երգը, առանձնապես հետաքրքրվում էին տեսնելու մեզ մոտակա առվակում լվացվելիս. մյուս բաներին այնքան ուշադրություն չէին դարձնում, մինչև անգամ մեր նավակներն առանձին ուշադրության չէին արժանանում. Յորքի տեսած բոլոր բաներից ամենահետաքրքրականն իր երկրից բացակայելու ընթացքում այն էր, որ ոչ մի բան այնքան չէր զարմացրել նրան, որքան Մալդոնադոյի մոտ տեսած մի ջայլամ. զարմացած ու շնչասպառ վազելով՝ նա գալիս է մր. Բայնոյի մոտ, որի հետ դուրս էր ելել զբոսնելու.— «Ո՜հ, մր. Բայնո՛, ո՛հ, թռչուն բոլորովին նույն, ձի»։ Որչափ որ մեր սպիտակ մաշկը զարմացրել էր տեղացիներին, ինչպես մր. Լոուն է պատմում, նույնչափ և ավելի խորը ազդել էր նրանց վրա փոկորսական նավի վրա աշխատող մի նեգր խոհարարի սևությունը, և խեղճ արարածն այնպես էր գլուխը կորցրել ու բղավում, որ այլևս երբեք չէր ուզում նորից ափ գնալ։ Ամեն ինչ այնքան խաղաղ էր կատարվում, որ սպաներից մի քանիսը և ես երկար զբոսանքներ էինք կատարում շրջակա լեռներում և անտառներում։ Սակայն հունվարի 27-ին բոլոր կանայք և երեխաներն անհետացան։ Մենք բոլորս անհանգստություն էինք զգում այս բանի համար. ոչ Յորքը և ոչ էլ Ջեմմին չէին կարող գտնել սրա պատճառը։ Մի քանիսը կարծում էին, որ նրանք վախեցել են նախորդ երեկոյին մեր հրացանները մաքրելուց և կաակելուց. մի քանիսն էլ կարծում էին, թե այդ արդյունք է մի վիրավորանքի, որը հասցված է եղել մի ծերունու. այս ծերունին, երբ պահակն ասել է՝ քիչ հեռու մնա, թքել է նրա երեսին և մի քնած հրո-երկրացու վրա կատարած շարժուձևով պարզ ցույց է տվել, որ, ինչպես ասում են, ուզեցել է կտրատել և ուտել մեր մարդկանցից որևէ մեկին։ Կապիտան Ֆից Ռոյը որևէ անախորժությունից կամ կռվից խույս տալու համար, որը աղետաբեր կլիներ բազմաթիվ հրո-երկրացիների համար, նպատակահարմար գտավ գիշերել մի քանի մղոն հեռու, մի ծոցի մոտ։ Մաթյուսն իր սովորական՝ հանդարտ դիրքով որոշեց մնալ հրո-երկրացիների հետ, որոնք իր նկատմամբ ոչ մի վտանգավոր բան չցուցաբերեցին, ուստի մենք թողինք նրանց իրենց առաջին սարսափելի գիշերն անցկացնելու։

Առավոտյան (28-ին) մեր վերադարձի ժամանակ մենք շատ ուրախացանք՝ տեսնելով ամեն ինչ խաղաղ, և մարդիկ իրենց նավակներում զբաղված էին ձուկ նիզակահարելով։

Կապիտան Ֆից Ռոյը որոշեց մի մակույկ և մի կետորսական նավակ ետ ուղարկել դեպի նավը, և մյուս երկուսով, որոնցից մեկը գտնվում էր հրամանատարության տրամադրության տակ (որի մեջ նա մեծ բարյացակամությամբ թույլ էր ավել նստել և ինձ), իսկ մյուսը՝ մր. Համոնդի, շարունակել դեպի առաջ՝ Բիգլի ջրանցքի արևմտյան մասերը չափելու, և ապա վերադառնալու և այցելելու, մեր հիմնած նոր բնակավայրը։ Այդ օրը, ի մեծ զարմանս, անդիմադրելի շոգ էր, այնպես որ մեր մորթը կատարյալ կիզվեց արևի տակ. այս գեղեցիկ եղանակի հետ Բիգլի նեղուցի մեջտեղում տեսարանը վերին աստիճանի հետաքրքրական էր։ Ե՛վ աջ, և՛ ձախ կողմերին նայելիս այս լեռների միջև գտնվող երկար նեղուցի անհետացող կետերը ոչ մի տեղ ոչնչով չէին հատվում։ Որ նա ծովի մի թևն էր — այդ ապացուցվում էր բազմաթիվ վիթխարի կետերի ներկայությամբ,[127] որոնք այս ու այն կողմ ջուր էին ցայտում դեպի վեր։

Մի անգամ հաճարի ծառերով ծածկված ծովափից քար նետելու տարածության չափ հեռու՝ ես տեսա այս հրեշներից երկուսին, հավանորեն արու և էգ, մեկը մյուսի հետևից դանդաղ լողալիս։

Մենք շարունակեցինք նավարկել մինչև մթնելը, որից հետո կանգնեցրինք մեր վրանները մի հանդարտ երկար խորշիկում։ Ամենամեծ զեխությունը մեր անկողինների համար խճոտ ծովափ գտնելն էր, որովհետև այդ խճերը միանգամայն չոր էին և հարմար պառկելու. համար։ Տորֆոտ հողը խոնավ է լինում, քարերը խորտուրորտ և կարծր. ավազը սննդանյութի մեջ է մտնում, երբ վերջինս եփում և ուտում են նավարկուների սովորություններով. բայց երբ պառկում էինք մեր վերմակե տոպրակների մեջ՝ ողորկ խճերի շերտի վրա, գիշերը շատ հանգիստ էինք անցկացնում։

Մինչև ժամը մեկը իմ հերթապահության ժամն էր։ Այս տեսարաններում կա ինչ-որ մի վեհություն։ Երբեք գիտակցությունը, աշխարհի որ հեռավոր անկյունում էլ դուք գտնվեք, այդպես ուժեղ կերպով հանդես չի գա։ Ամեն ինչն նպաստում է այս բանին, գիշերային լռությունը խանգարվում է վրանի տակ քնած նավաստիների շնչառությամբ միայն, իսկ երբեմն էլ գիշերային մի թռչունի ճչոցից։ Երբեմն հեռվից լսվող շան հաջոցը մեզ հիշեցնում էր, որ այնտեղ վայրենիներ են գտնվում։

Հունվարի 29.— Վաղ առավոտյան հասանք այնպիսի մի կետ, որտեղ Բիգլի ջրանցքը բաժանվում է երկու թևի. մենք մտանք հյուսիսային թևը։ Այստեղ տեսարանը շատ ավելի հոյակապ է դառնում, քան առաջ։ Բարձրաբերձ լեռները հյուսիսային կողմում կազմում են այդ երկրի գրանիտային առանցքը կամ ողնաշարը և համարձակ բարձրանում են մինչև երեքից չորս հազար ոտնաչափ՝ ունենալով մի ընդհանուր գագաթ վեց հազար ոտնաչափ բարձրությամբ։ Նրանք ծածկված են հավերժական ձյան լայնատարած ծածկույթով, և բազմաթիվ սահանքներ ու ջրվեժներ անտառների միջով իրենց ջուրը թափում են ներքևում գտնվող նեղ ջրանցքը։ Շատ մասերում հսկա սառցադաշտերը լեռների կողերից տարածվում են մինչև ջրի եզրը։

Հազիվ թե կարելի լինի երևակայել ավելի գեղեցիկ մի բան, քան այս սառցադաշտերի զմրուխտանման կապույտ գույնը, մանավանդ երբ վերջինս հակապատկերվում է վերը տարածված ձյան մեռելային սպիտակության հետ։ Սառցադաշտից պոկված բեկորներն ընկել էին ջուրը և լողալով շարժվում էին առաջ, և ջրանցքն իր սառցասարերով մոտ մեկ մղոն տարածության վրա ներկայացնում էր բևեռային ծովի մինիատյուրը։ Ճաշի ժամին նավակները քաշելով ափ՝ մենք հիացմունքով դիտում էինք կես մղոն հեռավորության վրա գտնվող սառցի մի ուղղաձիգ քարափ և ուզում էինք, որ մի քանի կտոր ևս ընկնեին։ Վերջապես խլացուցիչ թնդյունով ներքև գլորվեց մի զանգված, և անմիջապես մենք տեսանք մի ալիքի ողորկ ուրվագիծ, որը գալիս էր դեպի մեզ։ Մարդիկ ամբողջ ուժով վազեցին ներքև դեպի նավակները, որովհետև ակներև էր, որ այդ նավակները ենթակա էին բախվելու և ջարդուփշուր լինելու։ Նավաստիներից մեկը ճիշտ այն րոպեին, երբ դալարուն կոհակները հասնում էին նավակին, բռնեց նրա քթամասից. այդ նավաստին մի քանի անգամ ենթարկվեց ալեբախման, բայց վնաս չպատահեց, իսկ նավակները թեև երեք անգամ բարձրացան և նորից ընկան, բայց առանձին վնասվածքներ չառաջացան։ Այդ շատ մեծ բախտավորություն էր մեզ համար, որովհետև մենք գտնվում էինք նավից հարյուր մղոն հեռու, և կմնայինք առանց պաշարի ու հրազենի։ Սկզբում ես նկատել էի, որ ծովեզրում մի քանի մեծ ժայռի բեկորներ վերջին ժամանակները ենթարկվել էին տեղաշարժման, բայց մինչև այս ալիքը տեսնելն ինձ հասկանալի չէր սրա պատճառը։ Այդ երկար խորշի մի կողմը կազմված էր փայլարային թերթաքարի մի ցցված ժայռից. ծայրը վերջանում էր մոտ հիսուն ոտնաչափ բարձրության սառցե ժայռերով, իսկ մյուս կողմը բռնել էր հիսուն ոտնաչափ բարձրության մի հրվանդան՝ կազմված փայլարային թերթաքարի և կլորացած գրանիտի ահռելի բեկորներից, որոնց վրա աճում էին ծերացած ծառեր։ Ըստ երևույթին այս հրվանդանը մի քարակույտ էր, որը հավաքված է եղել այն պերիոդում, երբ սառցադաշտն ավելի մեծ ծավալ է ունեցել։

Երբ հասանք Բիգլի ջրանցքի այս հյուսիսային ճյուղի արևմտյան բերանին, մենք նավարկեցինք մի քանի անհայտ և ամայի կղզիների միջով. եղանակը չափազանց վատ էր։ Ոչ մի բնիկի չհանդիպեցինք։ Ափը գրեթե ամենուրեք այնպես զառիվայր էր, որ մենք մի քանի անգամ ստիպվեցինք մի քանի մղոն թիավարել՝ նախքան մեր երկու վրանները կանգնեցնելու համար տեղ ճարելը։ Մի գիշեր քնեցինք կլոր մեծ վալունների վրա, որոնց արանքները լիքն էին նեխվող ծովախոտերով. երբ մակընթացությունն սկսվեց, մենք ստիպված եղանք վերկենալ և տեղափոխել մեր պարկաձև վերմակները։ Ամենահեռավոր կետը դեպի արևմուտք, որտեղ մենք եղանք, Ստյուարտ կղզին էր, մի հեռավորություն, որը մեր նավից հաշվում էին հարյուր հիսուն մղոն։ Բիգլի ջրանցքը վերադարձանք հարավային թևով և այնտեղից առանց արկածի ետ եկանք դեպի Պոնսոնբի նեղուցը։

Փետրվարի 6.— Ժամանեցինք Վուլյա։ Մաթյուսն այնպես վատ զեկուցում տվեց հրո-երկրացիների վարքի մասին, որ Ֆից Ռոյը որոշեց նրան նորից վերցնել ետ «Բիգլ» նավի մեջ և վերջը նրան թողեց Նոր Զելանդիայում, որտեղ, որպես միսիոներ, գտնվում էր նրա եղբայրը։ Մեր բաժանումից հետո սկսվել էր կողոպուտի մի կանոնավոր սիստեմ. տեղացիների նորանոր խմբերն անընդհատ թափվել էին այս մարդկանց վրա։ Յորքն ու Ջեմմին շատ բան էին կորցրել, իսկ Մաթյուսր կորցրել էր գրեթե այն ամենը, ինչ որ չէր թաքցրել գետնի տակ։ Յուրաքանչյուր իր, թվում է թե, ձեռք ընկնելուց հետո այս տեղացիները պատառոտում և բաժանում էին իրենց մեջ։ Մաթյուսը նկարագրում էր այն ծանր և տագնապալից կացությունը, որի մեջ նա գտնվել է ամբողջ ժամանակ. գիշեր-ցերեկ նա շրջապատված է եղել տեղացիներով, որոնք ամեն կերպ աշխատել են հոգնեցնել նրան՝ նրա ականջին անընդհատ աղմուկ հանելով։ Մի օր մի ծեր մարդ, որին Մաթյուսը խնդրել էր թողնել ուիգվամը, վերադառնում է՝ ձեռքին մի մեծ քար. մի այլ օր նրա վրա է հարձակվում մի ամբողջ խումբ՝ զինված քարերով և սրածայր փայտերով, և երիտասարդներից մի քանիսը, որոնց թվում և Ջեմմիի եղբայրը, սկսում են ճչալ. Մաթյուսը նրանց դիմավորում է նվերներով։ Մի այլ խումբ նշաններով ցույց է տալիս, որ ցանկանում են նրան ամբողջովին մերկացնել և իր երեսի և մարմնի բոլոր մազերը պոկել։ Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ժամանակին հասանք նրա կյանքը փրկելու։ Ջեմմիի բարեկամներն այնքան դատարկամիտ և հիմար էին եղել, որ օտար մարդկանց ցույց էին տվել իրենց կողոպուտի տեղը և պատմել այդ կողոպուտը ձեռք բերելու, եղանակների մասին։ Շատ ցավալի էր, որ մենք թողնում էինք այն երեք հրո-երկրացիներին իրենց վայրենի հայրենակիցների մոտ. միակ հանգստացնող հանգամանքն այն էր, որ նրանք անհատական վախ չունեին։ Յորքը, լինելով ուժեղ, վճռական մարդ, հավատացած էր, որ իր կին Ֆուեգիայի հետ կարող է լավ ժամանակ անցկացնել։ Խեղճ Ջեմմին մխիթարական ոչինչ չուներ. կասկածից դուրս է, որ նա ուրախ կլիներ, եթե կարողանար մեզ հետ վերադառնալ։ Նրա սեփական եղբայրը նրանից շատ բան էր գողացել, և ինչպես ինքն էր նկատում՝ «Ի՞նչ անուն տա այդ սովորության». նա ատում էր իր հայրենակիցներին՝ ասելով, «բոլորը վատ մարդիկ, no sabe (ոչինչ չգիտեն). և թեև ես երբեք չէի տեսել նրան հայհոյելիս, ավելացնում էր՝ «անիծված հիմարներ»։ Մեր երեք հրո-երկրացիները թեև միայն հրեք տարի էին եղել քաղաքակիրթ մարդկանց հետ, հավատացած եմ, որ ուրախ կլինեին, եթե չկորցնեին իրենց նոր սովորությունները, բայց, իհարկե, այդ ակներևաբար անկարելի էր։ Ավելի քան կասկածելի է, թե նրանց ճանապարհորդությունը որևէ նշանակություն ունեցել էր նրանց համար։

Երեկոյան Մաթյուսին էլ մեզ հետ վերցրած՝ ետ նավարկեցինք դեպի նավը, վերադարձը կատարեցինք ոչ թե Բիգլի ջրանցքով, այլ հարավային ափով։ Նավակները բավականին ծանրաբեռնված էին, իսկ ծովն ալեկոծ էր, այնպես որ մենք ունեցանք վտանգավոր ճանապարհորդություն։ Ամսի 7-ին երեկոյան, քսան օրվա բացակայությունից հետո, գտնվում էինք «Բիգլ»-ի վրա։ Այդ ժամանակամիջոցում մենք անցել էինք բաց նավակներով երեք հարյուր մղոն։ Ամսի 11-ին կապիտան Ֆից Ռոյն անձամբ այցելեց հրո-երկրացիներին և գտավ նրանց լավ վիճակում, բայց նրանք մի քանի իր էլ էին կորցրել։

Հաջորդ տարվա (1834) փետրվարի վերջին օրը «Բիգլ»-ը խարիսխ գցեց մի գեղեցիկ փոքրիկ խորշում՝ Բիգլի ջրանցքի արևելյան մուտքի վրա։ Կապիտան Ֆից Ռոյը համարձակորեն վճռեց կռվել արևմտյան քամիների դեմ այն ուղղությամբ, որով մենք նավակներով առաջնորդվել էինք Վուլյայի սետլմենտը, և այդ փորձը վերջացավ հաջողությամբ։ Մինչև Պոնսոմբի նեղուցը հասնելը շատ տեղացիների հանդիպեցինք, բայց նրա մոտերքում մեզ հետևում էին տասից տասներկու նավակ։ Այդ տեղացիները բոլորովին չէին կարող ըմբռնել մեր նավի ուղղությունը փոխելու պատճառները և, փոխանակ հանդիպելու մեզ յուրաքանչյուր ուղեփոխության կետում, իզուր ճգնում էին հետևել մեզ մեր զիգ-զագ ընթացքով։ Ես նկատում էի, որ ինձ համար ավելի հաճելի էր գիտել այս վայրենիներին գիտակցելով մեր ուժի գերազանցությունը նրանց նկատմամբ։

Նավակում եղած ժամանակ ես չէի կարողանում տանել նրանց մինչև անգամ ձայնի հնչյունները, այնքան շատ էր նրանց մեզ պատճառած նեղությունը։ Առաջին և վերջին բառը «յամերշուներն» էր լինում։ Մի խաղաղ փոքր խորշ մտնելիս,երբ նայել ենք մեր չորս բոլորը և մտածել մի հանգիստ գիշեր անցկացնելու մասին, զզվելի «յամերշուներ» բառը զիլ հնչել է մի մռայլ անկյունից, և ապա ազդանշանային փոքրիկ ծուխը ոլոր-մոլոր բարձրացել է վեր՝ մեր գալուստը հեռվում գտնվողներին հաղորդելու համար։ Մի վայրից հեռանալիս մենք ասել ենք իրար. «Փառք երկնքին, վերջապես ազատվեցինք այս թշվառականներից», և երբ դարձյալ հեռուներից մի շատ ուժեղ ձայնի նվաղուն կանչն ընկնում էր մեր ականջը, պարզ կարողանում էինք զանազանել «յամերշուներ» բառը։ Բայց այժմ որքան շատ էին լինում հրո-երկրացիներր, այնքան մենք ուրախ էինք լինում, և շատ զվարճալի աշխատանք էր նրանց հետ գործ ունենալը։ Երկու խմբերն էլ ծիծաղում, զարմանում, բերանբաց նայում էին իրար, մենք խղճում էինք նրանց, որ մեր տված ցնցոտիների դիմաց մեզ փոխարենը տալիս էին լավ ձուկ և խեցգետին ու նման բաներ. իսկ նրանք պինդ կպել էին այդպիսի մի հարմար առիթի, նրանք գտել էին այնքան հիմար մարդիկ, որ այդպես գեղեցիկ զարդերը փոխում էին մի լավ ընթրիքի հետ։ Չափազանց հաճելի էր տեսնել մի երիտասարգ կնոջ գոհունակության սրտաբուխ ժպիտը, որի ժամանակ նա, երեսն ամբողջովին սև ներկած, գլխի շուրջն աճապարանքով փաթաթում էր մի քանի կտոր կարմրալաթ։ Նրա ամուսինը, որը վայելում էր այս երկրի ամենաընդհանուր առանձնաշնորհումը, ունենալով երկու կին, ըստ երևույթին խանդում էր, երբ իր երիտասարդ կնոջն այդքան ուշադրություն էինք դարձնում, և սկսեց խրատել իր մերկ գեղեցկուհիներին, բայց նրանք վռնդեցին նրան։

Հրո-երկրսյցիներից մի քանիսը պարզ ցույց էին տալիս, որ իրենք բավականին հմուտ էին փոխանակության գործին։ Մի մարդու մի մեծ մեխ տվի (մի վերին աստիճանի արժեքավոր նվեր) առանց փոխարենը վերադարձնելու մասին որևէ նշան անելու, բայց նա անմիջապես վերցրեց երկու ձուկ և իր նիզակի ծայրով երկարացրեց ինձ։ Եթե որևէ նվեր հատկացվում էր մի մարդու, և այն ընկնում էր մի ուրիշի մոտ, առանց այլևայլության միշտ տրվում էր նրան, որին նվիրում էին։ Այն հրո-երկրացի տղան, որին մր. Լոուն վերցրել էր նավի վրա, չափազանց հուզված և բարկացած՝ ցույց էր տալիս, որ ինքը հասկանում է, որ իրեն մեղադրում են ստախոսության համար, և իսկապես նա ստախոս էր։ Այս անգամ, ինչպես և առաջ, մենք շատ էինք զարմացել այն աննշան ուշադրության, կամ ավելի շուտ՝ անուշադրության վրա, որն արտահայտում էին այս վայրենիները բազմաթիվ իրերի նկատմամբ, որոնց գործածությունը պետք է որ հայտնի լիներ նրանց։ Այնպիսի չնչին բաներ, ինչպես՝ կարմիր գույնի շորերի կամ կապույտ հուլունքների գեղեցկությունը, կանանց բացակայությունը, մեր լվացվելու հոգսը, նրանց մեջ շատ ավելի մեծ զարմանք էր առաջացնում, քան որևէ մեծ և բարդ առարկա, ինչպես մեր նավն էր։ Բուգենվիլն այս ժողովրդի վերաբերյալ լավ է նկատել, երբ ասել է, որ նրանք նայում են մարդկային լավագույն արտադրությունների վրա այնպես, ինչպես բնության օրենքների և երևույթների վրա („chef-d’oeuvres de l’industrie humaine, comme ils traitent les loix de la nature et ses phénomènes”)։

Մարտի 5-ին խարիսխ գցեցինք Վուլայայի ծոցում, բայց ոչոքի չտեսանք այնտեղ։ Մենք շատ վախեցանք այս բանից, որովհետև Պոնսոնբի նեղուցի տեղացիները շարժուձևով ցույց էին տալիս, որ կռիվ էր տեղի ունեցել։ Հետագայում լսեցինք, որ օուենսի զարհուրելի մարդիկ հարձակում էին գործել։ Տուտով նկատվեց մի նավակ՝ փոքրիկ ծածանվող դրոշակով, որը շարժվում էր դեպի մեզ, նրա մեջ գտնվող մարդկանցից մեկը լվանում էր իր երեսի ներկը։ Այս մարդը խեղճ Ջեմմին էր — այժմ արդեն նիհարած, հիվանդագին մի վայրենի, խճճված երկար մազերով և բոլորովին մերկ, եթե նկատի չունենանք մեջքով անցնող ծածկոցը։ Մենք չճանաչեցինք նրան՝ մինչև նա մոտեցավ մեզ, որովհետև նա ամաչում էր մեզնից և իր կռնակը դարձրել էր դեպի նավը։ Մեզնից բաժանվելիս նա գեր էր, կլորիկ, մաքուր, լավ հագնված, ես երբեք չեմ տեսել այդքան կատարյալ և ցավալի փոփոխություն։ Սակայն հենց որ նա նորից հագնվեց, և առաջին փոթորիկն անցել էր, իրերն այլ կերպարանք ստացան։ Նա ճաշեց կապիտասն Ֆից Ռոյի հետ և իր ճաշը կերավ այնպես վայելուչ, ինչպես առաջ։ Նա ասաց մեզ, որ ինքը «չափազանց շատ» (այսինքն բավականին) բան ուներ ուտելու, որ ինքը չի մրսում, որ իր ազգականները լավ մարդիկ են, և որ ինքը չի, ցանկանում այլևս վերադառնալ Անգլիա. երեկոյան մենք գտանք Ջեմմիի զգացմունքների մեջ առաջացած այս մեծ փոփոխության պատճառները, երբ եկավ նրա երիտասարդ և գեղեցիկ տեսքով կինը։ Իր սովորական բարի զգացմունքով նա բերեց ջրասամույրի երկու մորթի իր ամենալավ բարեկամներից երկուսի համար, ինչպես և մի քանի նիզակի գլուխ և նետ՝ կապիտանի համար, որ նա պատրաստել էր իր սեփական ձեռքերով։ Նա ասաց, որ ինքն իր համար պատրաստել է մի նավակ և կարող է պարծենալ, որ ինքը կարող է քիչ խոսել իր մայրենի լեզվով։ Ամենատարօրինակն այն է, որ նա, թվում էր, թե իր ամբողջ ցեղին սովորեցրել էր քիչ անգլերեն. մի ծերունի ինքնաբերաբար ծանուցում էր՝ „Jemmy Button’s wife” (Ջեմմի Բըթընի կինը)։ Ջեմմին կորցրել էր իր ամբողջ ունեցվածքը։ Նա պատմեց, թե ինչպես Յորք Մինստըրը շինել էր մի մեծ նավակ և իր կին Ֆուեգիայի[128] հետ մի քանի ամիս առաջ գնացել էր իր երկիրը, վերջին անգամ տալով մի վերին աստիճանի տմարդի հրաժեշտ. նա համոզում է Ջեմմիին և իր մորը գնալ իր հետ միասին և այնուհետև ճանապարհին գիշերը կորցնում է նրանց՝ գողանալով նրանց բոլոր իրերը։

Ջեմմին գնաց ափին քնելու և առավոտյան վերադարձավ ու մնաց նավում՝ մինչև նավի խարիսխը բարձրացնելը. այդ բանը վախեցրեց նրա կնոջը, և վերջինս սկսեց բարձր աղաղակել, մինչև Ջեմմին մտավ իր նավակը։ Նա վերադարձավ արժեքավոր իրերով բեռնավորված։ Նավում գտնվող յուրաքանչյուր մարդ սրտանց ցավում էր, որ վերջին անգամ են ձեռք տալիս նրան։ Այժմ ես չեմ կասկածում, որ նա այնպես ուրախ կլինի, գուցե և ավելի ուրախ, քան եթե երբեք իր երկրից դուրս եկած չլիներ։ Ամեն ոք պետք է անկեղծորեն հուսա, որ կապիտան Ֆից Ռոյի ազնիվ հույսը, ի հատուցումն իր բազմաթիվ վեհանձն զոհողությունների, որ նա արել է այս հրո-երկրացիների համար, կարող է իրականացած լինել Ջեմմի Բըթընի և իր ցեղի սերնդի կողմից ոմն նավաբեկ նավաստու պաշտպանությամբ։ Երբ Ջեմմին ափ հասավ, մի ազդանշանային խարույկ պատրաստեց, և երբ նավը հեռանում, էր ափերից դեպի բաց ծովը, ծուխը ոլորապտույտ բարձրանում էր վեր՝ մաղթելով մեզ մի վերջին երկար հրաժեշտ։

Այն կատարյալ հավասարությունը, որ գոյություն ունի Հրո երկրի ցեղերի միջև, երկար ժամանակով կուշացնի նրանց կուլտուրական զարգացումը։ Ինչպես մենք տեսնում ենք, այն կենդանիները, որոնց բնազդն ստիպում է ապրել խմբերով և ենթարկվել մի առաջնորդի, ամենից շատ են ընդունակ կատարելագործվելու, նույնը և մարդկային ցեղերի համար։ Պատճառ թե հետևանք, ամենաքաղաքակրթվածները միշտ ամենակատարելագործված ղեկավարում ունեն։ Հրո Երկրում մինչև որ առաջ չգա մի պետ, որը բավական ուժ ունենա ձեռք բերած իրերն իրեն պահելու համար, ինչպես, օրինակ, ընտանի կենդանիները, հազիվ թե մինչ այդ հնարավոր լինի երկրի քաղաքական կացությունը ավելի բարձրացնել։ Եթե այժմ նրանցից մեկին մինչև անգամ տրվի մի շոր, նա պատառոտում է այն և բաժանում խմբի անդամների վրա. և այսպիսով ոչ ոք մյուսից հարուստ լինել չի կարող։ Մյուս կողմից՝ դժվար է հասկանալ, թե ի՛նչպես կարող է երևան գալ մի առաջնորդ, մինչև չլինի որոշ տեսակի սեփականություն, որի շնորհիվ նա կարողանա ցուցաբերել իր գերազանցությանը և բարձրացնել իր զորությունը։

Ես կարծում եմ, որ Հարավային Ամերիկայի այս ծայրագույն մասում մարդն ապրում է զարգացման ավելի ցածր աստիճանում, քան աշխարհի որևէ այլ մասում։ Խաղաղ օվկիանոսում ապրող երկու ցեղերի հարավ-օվկյանյան կղզեբնակները համեմատաբար քաղաքակիրթ են։ Էսկիմոսն իր ստորերկրյա հյուղակում վայելում է կյանքի որոշ հարմարություններ, և իր նավակում, երբ լրիվ սպառազինված է, ցուցաբերում է մեծ հմտություն։ Հարավային Աֆրիկայի ցեղերից մի քանիսը, որոնք թափառում են այս ու այն կողմ արմատ փնտրելով և ապրում են փակված ամայի և չոր հարթավայրերում, բավականին թշվառ կյանք ունեն։ Ավստրալիացին իր կյանքի պայմանների պարզությամբ ամենից մոտիկն է հրո-երկբացիներին, սակայն նա կարող է պարծենալ իր բումերանգով,[129] նիզակով և տեգով, ինչպես և ծառ բարձրանալու, կենդանիներին իրենց հետքերով հետևելու, և որսալու յուրահատուկ եղանակով։ Թեև ավստրալիացին կարող էր նվաճումներով հրո-երկրացուց առաջացած լինել, բայց այդ չի նշանակում, որ նա մտավոր ունակությամբ ևս նրանից բարձր է. նկատի ունենալով Հրո Երկրում եղած ժամանակ տեսածներս և ավստրալիացիների մասին կարդացածներս, պիտի ասեմ, որ հակամետ եմ գալ միանգամայն հակառակ եզրակացության։


ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՄԱԳԵԼԼԱՆԻ ՆԵՂՈՒՑԸ.— ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՓԵՐԻ ԿԼԻՄԱՆ

Մագելլանի նեղnւցը.— Պարտ Ֆեմին.— Թառն լեռը բարձրանալը.— Անտառներ.— Ուտելի սունկ.— Կենդանական աշխարհը.— Մեծ ջրիմուռներ.— Հրո Երկրից հեռանալը.— Կլիման.— Պտղատու ծառեր և հարավային ափերի բնության արտադրությունները.— Ձյան սահմանի բարձրությունը Կորդիլյերներում.— Սառցադաշտերի իջնելը դեպի ծով.— Սառցասարերի կազմվելը.— Վալունների տեղափոխությունը.— Անտարկտիկային կղզիների կլիման և բնության արտադրությունը.— Սառած դիակների պահպանումը.— Ընդհանուր ամփոփում։

Մայիսի վերջերին (1834 թ.) երկրորդ անգամ մտանք Մագելլանի նեղուցի արևելյան մասը։ Նեղուցի այս մասում երկու ափերն էլ ներկայացնում են գրեթե բոլորովին հարթ տարածություններ, ինչպես Պատագոնիայի հարթավայրերն են։ Նեգրո հրվանդանը, որը գտնվում է երկրորդ նեղուցից քիչ ներս, կարելի է համարել այն կետը, որտեղից ցամաքը հետզհետե ստանում է Հրո Երկրին հատուկ տեսքը։ Արևելյան ափին, նեղուցից հարավ, խորտուբորտ և ծառապատ տեսարանը միևնույն ձևով միացնում է այս երկու երկրները, որոնք գրեթե բոլոր կողմերով իրար նկատմամբ մի կատարյալ հակապատկեր են ներկայացնում։ Իսկապես զարմանալի է քսան մղոն իրարից հեռու գտնվող երկու երկրներում գտնել տեսարանի այս աստիճանի տարբերություններ։ Իսկ եթե վերցնենք քիչ ավելի մեծ տարածություն, ինչպես, օրինակ, Պորտ Ֆեմինի և Գրեգորիի ծոցի միջև եղած տարածությունը, որը մոտ վաթսուն մղոն է, տարբերությունն ավելի զարմանալի է։ Առաջին վայրում մենք ունենք կլորացած լեռներ՝ ծածկված անթափանց անտառներով, որոնք առատ ծծում են անընդհատ իրար հաջորդող քամիների բերած անձրևը, մինչդեռ Գրեգորիի հրվանդանում չոր և անբերրի հարթավայրի վրա տիրում է թափանցիկ, ջինջ, պայծառ և կապույտ երկինքը։ Մթնոլորտային հոսանքները[130], թեև արագ, աղմկոտ, չսահմանափակված որևէ առերևույթ սահմանով, բայց թվում էր թե անցնում էին կանոնավոր որոշակի ընթացքովդ ինչպես գետն իր հունում։

Մեր նախորդ այցելության ընթացքում (հունվարին) մենք տեսակցություն ունեցանք Գրեգորիի հրվանդանի հռչակավոր, այսպես ասած, հսկա պատագոնացիների հետ, որոնք ցույց տվին մեղ սիրալիր ընդունելություն։ Նրանց հասակն ավելի բարձր է երևում, քան այդ իրականումն է. գուանակոյի մորթուց պատրաստած մեծ վերարկուները, ծածանվող մազերը և ընդհանուր կերպարանքը նրանց ավելի բարձր էր ցույց տալիս։ Միջին առումով նրանց բարձրությունը վեց ոտնաչափ է, մի քանիսն ավելի բարձր են, իսկ վեց ոտնաչափից[131] կարճ անհատների թիվը շատ սակավ է։ Կանայք նույնպես բարձրահասակ են. ընդհանուր առմամբ մեր ճանապարհորդության ընթացքում տեսած ցեղերից ամենաբարձրահասակը սրանք էին։ Արտաքին կերպարանքով նրանք խիստ նման են համեմատաբար հյուսիսում ապրող հնդիկներին, որոնց ես տեսա գեներալ Ռոսասի մոտ, բայց նրանք (պատագոնացիները) ավելի վայրագ են և ահարկու, նրանց դեմքերը մեծ մասամբ ներկված էին լինում կարմիր և սև գույներով, իսկ մի մարդ ամբողջ մարմինը ծածկել էր սպիտակ օղակներով և կետերով, ինչպես հրո-հրկրացիներն են անում։ Կապիտան Ֆից Ռոյն առաջարկեց երեք հոգու վերցնել նավի մեջ. ամեն մեկը կարծեք թե ձգտում էր այդ երեքից մեկը լինել։ Այնքան էլ հեշտ չեղավ մեզ համար մաքրել նավակը նրանցից։ Վերջապես նավ բարձրացանք մեր երեք հսկաների հետ, որոնք ճաշեցին կապիտանի հետ և ցուցաբերեցին կատարյալ բարեկիրթ կենցաղավարություն, ճաշի ժամանակ գործածելով դանակ, պատառաքաղ և գդալ, ոչ մի բան այնքան ախորժելի չէր նրանց համար, որքան շաքարը։ Այս ցեղն այնքան շփման մեջ է եղել փոկորսների և կետորսների հետ, որ նրանց մեծ մասը կարող է խոսել մի փոքր անգլերեն և սպաներեն. նրանք կիսաքաղաքակրթված են և համե ատաբար անբարոյացած։

Մյուս առավոտը մի մեծ խումբ գնաց ափ՝ մորթու և ջայլամի փետուրի առևտուր անելու։ Զենք չէին ուզում վերցնել, ամենից շատ պահանջում էին ծխախոտ, նույնիսկ ավելի, քան կացին կամ մի այլ գործիք։ Տոլգոների ամբողջ բնակչությունը, մարդ, կին և երեխա, շարվել էին մի թմբի վրա։ Հետաքրքրական տեսարան էր ներկայացնում այդ և անկարելի էր չսիրել, այսպես ասած, այդ հսկաներին, նրանք վերին աստիճանի զվարթամիտ և վստահելի մարդիկ էին, մեզ խնդրում էին նորից այցելել իրենց։ Թվում է թե նրանք սիրում են ունենալ եվրոպացիներ՝ միասին ապրելու համար, և պառավ Մարիան, ցեղի պատկառելի կանանցից մեկը, մի անգամ խնդրել էր մր. Լոուին իր նավաստիներից մեկին թողնել իրենց մոտ։ Տարվա մեծ մասը նրանք անցկացնում են այստեղ, բայց ամառը քաշվում են Կորդիլյերների ստորոտը որսի համար։ Երբեմն նրանք ճանապարհորդում են մինչև Ռիո Նեգրո գետը, որը գտնվում է յոթ հարյուր հիսուն մղոն հյուսիս։ Նրանք ունեն մեծ թվով ձիեր. յուրաքանչյուր մարդ, ըստ մր. Լոուի, ուներ վեց կամ յոթ ձի, բոլոր կանայք և մինչև անգամ երեխաներն ունեն իրենց անձնական ձիերը։ Սարմիենտոյի ժամանակ (1580 թ.) այս հնդիկներն ունեցել են նետ ու աղեղ, որը շատ վաղուց անհետացել է. այն ժամանակ նրանք արդեն ունեցել են և մի քանի ձի։ Այս չափազանց հետաքրքրական փաստ է, որը ցույց է տալիս Հարավային Ամերիկայում ձիերի արտաքո կարգի արագ աճումը։ Առաջին անգամ ձին Հարավային Ամերիկայի ցամաքն է բերվել 1537 թվին՝ Բուենոս Այրես. այդ գաղութը ժամանակավորապես լքվելով՝ ձիերը փախչում են և վայրենանում։[132] 1580 թվին, միայն քառասուներեք տարի հետո, այդ ձիերին պատահում են Մագելլանի նեղուցում, Մր, Լոուն ասում էր, որ հարևան հնդկական ոտավոր ցեղ այժմ փոխվում է ձիավոր ցեղի. Գրեգորիի նեղուցի ցեղը նրանց տալիս է իր ծեր և ուժասպառ ձիերը, իսկ ձմեռն իր ճարպիկ մարդկանց մի քանիսին ուղարկում է նրանց համար ձի որսալու։

Հունիսի 1.— Խարիսխ գցեցինք Պորտ Ֆեմինի գեղեցիկ ծոցում։ Այժմ արդեն ձմեռվա սկիզբն էր, և ես երբեք չտեսա ավելի անհրապույր տեսարան. մութ անտառները, պիտակավորված ձյունով, երևում էին միայն անորոշ կերպով խոնավ, մշուշոտ մթնոլորտի միջից։ Մենք բախտավոր էինք, որ մեզ վիճակվեց ունենալ երկու պայծառ օր։ Այդ օրերից մեկում հեռվում գտնվող Սարմիենտո սարը, որն ունի 6800 ոտնաչափ բարձրություն, ներկայացնում էր մի վերին աստիճանի սքանչելի տեսարան։ Հաճախ ես զարմանում էի Հրո Երկրի տեսարաններում առերևույթ ցածր երևացող լեռների վրա, որոնք իրականում բարձր էին։ Ենթադրում եմ, որ այդ հետևանք է մի պատճառի, որն սկզբում չի կարելի ըմբռնել, այն է՝ ամբողջ զանգվածը գագաթից մինչև ջրի եզրն ամբողջությամբ երևալն է։ Ես հիշում եմ մի սար, որն առաջին անգամ տեսել եմ Բիգլի ջրանցքից, որտեղ ամբողջ սարը գագաթից մինչև հիմքը լրիվ երևում է. այնուհետև տեսել եմ Պոնսոնբի նեղուցից, մի քանի բլրաշարքերի հետևից. հետաքրքրական էր տեսնել, թե ինչպես բարձունքների յուրաքանչյուր նոր շարք առանձին հնարավորություն էր տալիս հեռավորության մասին դատելու, և թե ինչպես լեռը մեր աչքում հետզհետե բարձրանում էր։

Նախքան Պորտ Ֆեմին հասնելը երևացին երկու մարդ, որոնք վազում էին ափով և ողջունում նավը։ Մի նավակ ուղարկվեց նրանց համար։ Բանից դուրս եկավ, որ սրանք երկու նավաստիներ էին, որոնք փախել էին փոկորսական մի նավից և միացել պատագոնացիներին։ Հնդիկները նրանց հետ վարվել էին իրենց սովորական անշահախնդիր հյուրասիրությամբ։ Նրանք խմբից բաժանվել էին պատահական կերպով և այժմ ընթանում էին դեպի Պորտ Ֆեմին, հույս ունենալով, որ այնտեղ կգտնեն մի նավ։ Ես համարձակորեն կարող եմ ասել, ռր սրանք անպետք դատարկաշրջիկներ էին, ես երբեք չեմ տեսել ավելի ողորմելի արտահայտություն, քան այս նավաստիներինը։ Մի քանի օր նրանք ապրել էին խեցիներով և հատապտուղներով, և նրանց ցնցոտիացած շորերն այրվել էին կրակին մոտիկ քնելուց։ Ամբողջ ժամանակը, գիշեր և ցերեկ, առանց որևէ պատսպարանի, նրանք մնացել էին վերջին ժամանակներում անընդհատ փչող քամիների, անձրևի, անձրևախառն կարկտի և ձյան տակ, և չնայած այս բոլորին՝ նրանք գտնվում էին առողջ վիճակում։

Մեր Պորտ Ֆեմինում եղած ժամանակ երկու անգամ հրո-երկրացիները եկան և բավականին նեղեցին մզ։ Որովհետև ափին կային բազմաթիվ գործիքներ, շորեր և մարդիկ, ուստի անհրաժեշտ համարվեց վախեցնել և հեռու քշել նրանց։ Նախ կրակեցին մի քանի թնդանոթ, երբ նրանք հեռու, էին։ Չափազանց ծիծաղելի էր այդ հնդիկներին հեռադիտակով դիտելը. հենց որ գնդակն ընկնում էր ջուրը, նրանք քարեր էին վերցնում և որպես պատասխան նետում դեպի նավը, թեև վերջինս մեկ և կես մղոն հեռու էր գտնվում նրանցից։ Այնուհետև ուղարկվեց մի նավ, հրաման ստանալով՝ նրանց վրայով մի քանի մուշկետային գնդակ կրակելու։ Հրո-երկրացիները թաքնվում էին ծառերի ետև, և յուրաքանչյուր անգամ, երբ կրակում էին հրացանը, նրանք էլ իրենց նետերն էին արձակում, թեև այդ բոլոր նետերն էլ ընկնում էին նավակից շատ հեռու, և նրանց վրայով նշան բռնող սպան ծիծաղում էր։ Այս բանը հրո-երկրացիներին կատաղեցնում էր, և նրանք իզուր ցասումով թափ էին տալիս իրենց վերարկուները։ Վերջապես նկատելով, որ գնդակները դիպչում են ծառերին և կտրում, թողին փախան՝ թողնելով մեզ հանգիստ և խաղաղ։ Նախկին ճանապարհորդության ժամանակ հրո-երկրացիներն այստեղ շատ ձանձրացուցիչ էին, և նրանց վախեցնելու համար գիշերը նրանց ուիգվամների վրա մի ռակետ կրակեցին. սրա հետևանքը բավականին մեծ եղավ. սպաներից մեկն ինձ պատմում էր, որ նախ բարձրացավ մի ուժեղ վայնասուն, իսկ շների հաջոցը միանգամայն ծիծաղելի էր այն խորը լռության նկատմամբ, որը տիրապետում էր մեկ կամ երկու րոպեից հետո։ Մյուս առավոտը ոչ մի հրո-երկրացի չէր մնացել մեր շրջապատում։

Երբ «Բիգլ»-ը փետրվարին գտնվում էր այստեղ, մի առավոտ ժամը 4-ին ես դուրս եկա Թառն լեռը բարձրանալու, որը 2600 ոտնաչափ բարձրություն ունի և այդ շրջանի ամենաբարձր կետն է։ Նավով գնացինք լեռան ստորոտը (բայց դժբախտաբար ոչ ամենալավ մասը) և այնուհետև սկսեցինք բարձրանալ։ Անտառն սկսվում է մակընթացության բարձրության գծից. սկզբի երկու ժամում ես բոլոր հույսերս կորցրել էի գագաթը բարձրանալու։ Այնքան խիտ էր անտառը, որ անհրաժեշտ էր անընդհատ ապավինել կողմնացույցին, որովհետև յուրաքանչյուր ուղեքար կամ ցամաքանիշ, չնայած տեղի լեռնոտ բնույթին, ամբողջովին ծածկված էր մեր աչքից։ Խոր հեղեղատներում ամայության մեռելատիպ տեսարանը գերազանցում էր ամեն տեսակի նկարագրություն. դրսում ուժեղ փչում էր քամին, բայց այս խոռոչներում ամենափոքր քամի չկար, չէին շարժվում մինչև անգամ ամենաբարձր ծառերի տերևները։ Այնպես մռայլ, սառը և խոնավ էր ամենուրեք և ամեն ինչ, որ մինչև անգամ սունկեր, մամուռներ կամ ձարխոտեր չէր կարող աճել։ Հովիտներում հազիվ թե հնարավոր լիներ սողալ առաջ. նրանք կատարելապես պատնեշվել էին ծառերի բորբոսնած մեծ բներով, որոնք ընկել էին ամեն ուղղությամբ։ Երբ անցնում էինք այս բնական կամուրջների վրայով, հաճախ մեր ոտքերը մինչև ծնկները խրվում էին փտած փայտի մեջ. երբեմն էլ, երբ փորձում էինք հենվել մի հաստատուն կանգնած ծառի, հանկարծ ցնցվում էինք՝ տեսնելով քայքայված մի զանգված, որը պատրաստ է գլորվելու ամենաթեթև դիպչելուց անգամ։ Վերջիվերջո մենք մեզ գտանք գաճաճ ծառերի մեջ և ապա շուտով հասանք մերկ մասին, գագաթին մոտիկ, որտեղից բարձրացանք անմիջական գագաթը։ Այստեղ կար մի տեսարան, որը հատկանշական է Հրո Երկրին. բլուրների անկանոն շղթաներ՝ ձյան մնացորդներով պիսակավորված դեղնականաչ խոր հովիտներ և ծովի բազուկների որոնք հատում են ցամաքը բոլոր ուղղություններով։ Ուժեղ քամին ծակելու կտրելու աստիճանի սասն էր, իսկ մթնոլորտը՝ մեծապես մշուշոտ, այնպես որ երկար չսպասեցինք լեռան գագաթին։ Վայրէջքն այնքան դժվար և տանջալից չէր, ինչպես վերելքը, որովհետև մարմնի ծանրությանը ճանապարհ էր բացում, ու բոլոր սայթաքումները և անկումները լինում էին դեպի մեր ուզած ուղղությունը։

Ես արդեն հիշատակել եմ մշտականաչ անտառների[133] մռայլ և թախծոտ բնույթի մասին, որոնց մեջ բացառապես աճում են երկու կամ երեք տեսակի ծառեր։ Անտառային մասից վերև գտնվում են ալպյան բազմաթիվ գաճաճ բույսեր, որոնք բոլորն էլ ծլում են տորֆի զանգվածի միջից և հետագայում կազմում նրա մասը. այս բու֊յսերը շատ նշանակալի են Եվրոպայի լեռներում աճող տեսակների հետ ունեցած մոտիկ ազգակցությամբ, չնայած որ իրարից հեռու են մի քանի հազար մղոնով։ Հրո Երկրի կենտրոնական մասը, որտեղ տարածված է կավային թերթաքարի ֆորմացիան, ամենանպաստավոր մասն է ծառերի աճման համար. դրսի մասերում, ծովափերին, գրանիտային աղքատ հողը և երկրի դիրքը, որն ավելի շատ է ենթակա ուժեղ քամիների, չեն թողնում, որ ծառերը մեծանան։ Պորտ Ֆեմինի մոտերքում ավելի մեծ ծառեր եմ տեսել, քան այլ տեղ, ես չափեցի մի Drimys Winteri, որն ուներ չորս ոտնաչափ վեց մատնաչափ շրջապատ, իսկ մի քանիսն ունեին տասներեք ոտնաչափի հասնող շրջագիծ։ Կապիտան Կինգը նույնպես հիշատակում է մի հաճարի, որն ունեցել է յոթ ոտնաչափ, տրամագիծ և արմատներից վերև՝ տասնյոթ ոտնաչափ բարձրություն։

Այստեղ կա մի բույս, որն արժանի է ուշադրության, որովհետև նա ծառայում է հրո-երկրացիների համար որպես սնունդ։ Այս մի գնդաձև, բաց դեղնավուն սունկ է, որը շատ մեծ քանակությամբ աճում է վերը նշված ծառերի վրա։ Փոքր ժամանակ նա առաձգական է և ուռուցիկ, ողորկ մակերեսով, իսկ երբ հասունանում է, կուչ է գալիս և պնդանում, ամբողջ մակերեսի վրա բացվում են խոռոչներ՝ մեղրաթերթի, նման։ Այս սունկը պատկանում է մի նոր և հետաքրքրական ցեղի։[134] Մի երկրորդ տեսակը գտա Չիլիում մի այլ տեսակի Driltiys Winteri ծառի վրա. դոկտոր Հուկերն ինձ տեղեկացնում է, որ վերջին ժամանակներս Վանդիմենի երկրում գտնվել է մի երրորդ ցեղ՝ մի երրորդ տեսակ հաճարի ծառի վրա։ Ո՜րքան զարմանալի է ազգակցությունն այu պարազիտային սունկերի և նրանց կրող ծառերի միջև՝ աշխարհի հեռավոր մասերում։ Հրո Երկրում այս սունկն իր պինդ և հասած վիճակում մեծ քանակությամբ հավաքում են կանայք և երեխաները և ուտում են առանց եփելու։ Նա ունի խեժի և քիչ քաղցր համ՝ թույլ հոտով, որը նման է շամպինիոնի հոտին։ Բացառությամբ մի քանի հատապտուղների, գլխավորապես թզուկ Arbutus ծառի, տեղացիները ոչ մի այլ բուսական սնունդ չունեն, բացի այս սնկից։ Նոր Զելանդիայում, նախքան կարտոֆիլ ներմուծելը, մեծ մասամբ ուտում էին ձարխոտի արմատներ, այժմ, կարծում եմ, Հրո Երկիրն աշխարհում միակ երկիրն է, որտեղ սպորատու բույսերը սննդի մի գլխավոր բաղկացուցիչ մասն են կազմում։

Հրո Երկրի կենդանական աշխարհը, ինչպես այդ կարելի էր սպասել նրա կլիմայի և բուսականության բնույթից, չափազանց աղքատ է։ Կաթնասուններից, բացի կետերից և փոկերից, կա մի չղջիկ, մկնանման կրծողների մի սեռ (Reithrodon chinchilloides), իսկական մկների երկու տեսակ, կտենոմիս, որն ազգակից կամ նույնատիպ է տուկու-տուկոյի հետ, աղվեսի երկու տեսակ (Canis Magellanicus և C. Azarae), ծովասամույր, գուանակո և մի եղջերու։ Այո կենդանիների մեծ մասը բնակվում է միայն այդ երկրի արևելյան չոր մասերում, իսկ եղջերուն Մագելլանի նեղուցից հարավ երբեք չի երևացել։ Նկատի ունենալով նեղուցի երկու կողմում փափուկ ավազաքարերից կազմված դարավանդների, տղմի և մանր խճերի համապատասխանությունը, ինչպես և միքանի միջանկյալ կղզիներ, մարդ գալիս է այն եզրակացության, որ Հրո Երկրի կղզիները մի ժամանակ միացած են եղել ցամաքին, և հնարավոր է եղել այնպիսի թուլակազմ և անօգնական կենդանիների տարածումը դեպի հարավ, ինչպես տուկու-տուկոն և ռեյթրոդոնն (Retthrodon) են։ Ժայռերի համապատասխան լինելը չի կարող միացման ապացույցներ տալ, որովհետև այդպիսի ժայռերը սովորաբար կազմվում են թեք նստվածքների հատումից, որոնք նախքան ցամաքի բարձրացումը կուտակված են եղել այն ժամանակ գոյություն ունեցող ծովափերի մոտերքը։ Սակայն նշանակալի զուգադիպության է այն, որ երկու մեծ կղզիներից, որոնք Հրո Երկրի մնացած մասից բաժանվում են Բիգլի ջրանցքով, մեկի վրա գտնվում են այնպիսի ժայռեր, որոնք կազմված են մի նյութից, որը կարելի է անվանել շերտավոր ալուվիում, և այդ ժայռերի դեմ-դիմաց, ջրանցքի հակառակ կողմում գտնվում են նման ժայռեր, մինչ մյուս կղզին բացառապես եզերված է բյուրեղային հին ապառներով։ Առաջին կղզում, որը կոչվում է Նավարին, պատահում են և՛ գուանակոներ, և՛ աղվեսներ, իսկ երկրորդ՝ Հոստ կղզում, թեև պայմանները բոլորովին նույնն են և կղզին էլ բաժանված է միայն մի նեղուցով, որ կես մղոնից քիչ ավելի լայնություն nւնի, այդ կենդանիներից ոչ մեկն այնտեղ չի երևացել, ինչպես այդ մ ասին ինձ ասում էր Ջեմմի Բըթընը։

Այդ մութ և մռայլ անտառներում շատ քիչ թռչուններ կան. երբեմն լսվում է ամենաբարձր ծառի գագաթի մոտ թաքնված մի սպիտակագլուխ բռնակալ-ճանճորս թռչունի (Myiobius albiceps) ողբագին երգը. ավելի հազվադեպ լռվում են գեղեցիկ ծիրանեգույն կատարով մի սև փայտփորիկի բարձր և տարօրինակ աղաղակները։ Մի փոքր մթագույն ցախսարեկ (Scytalopus Magellanicus) պահվտելով թռչկոտում է ընկած և քայքայվող ծառերի խառնիճաղանճ բների մեջ։ Բայց այս շրջանի ամենատարածված թռչունը պիշչուխան (Oxyurus tupinieri) է։ Հաճարի ծառերի անտառներում, վերևում, ներքևում, ամենամռայլ, խոնավ և անթափանցելի ողողատներում, ամենուրեք, կարելի է հանդիպել այս թռչունին։ Անկասկած, այս փոքրիկ թռչունն ավելի հաճախ է երևում, քան իրականում նրա թիվն է, որովհետև նա սովորություն ունի հետաքրքրությունից հետևելու որևէ անհատի, որը մտնում է այս լուռ անտառները, շարունակ արձակելով մի խռպոտ, դողդոջուն ձայն՝ նա թռչկոտում է ծառից ծառ, այցելուի դեմքից մի քանի ոտնաչափ հեռու։ Հակառակ իսկական պիշչուխայի (Certhia familiaris), որը թաքնվում է համեստ և մեկուսացած վայրերում, նա միշտ լինում է չթաքնված. և ոչ էլ նա այդ թռչունի նման վազվզում է ծառերի քների վրա, այլ ժրանան կերպով երաշտահավի նման թռչկոտում է այս ու այն կողմ և յուրաքանչյուր ճյուղի և շիվի վրա միջատներ է փնտրում։ Համեմատաբար բաց տարածություններում պատահում են երեք կամ չորս տեսակ խայտիտ, մի կեռնեխ, մի սարյակ (կամ Icterus), երկու Opetiorhynchus և մի քանի բազե և բվեր։

Հետաքրքրականն այն է, որ այս երկրի կենդանական աշխարհում չկա սողունների ամբողջ դասին պատկանող և ոչ մի ներկայացուցիչ, այնպես որ սողուններ բոլորովին չկան այստեղ, նույնը պիտի ասել և Ֆալկլանդական կղզիների համար։ Այս ասում եմ ես ոչ միայն սոսկ իմ դիտողություններից ելնելով, այլ Ֆալկլանդական կղզիների մասին ես լսել եմ սպանացի բնակիչներից, իսկ Հրո Երկրի մասին՝ Ջեմմի Բըթընից։

Սանտա Կրուսի ափերին, 50° հարավ, ես տեսա մի գորտ. անհավանական չէ, որ այս կենդանիները, ինչպես և մողեսները, տարածված լինեն հարավ, մինչև Մագելլանի նեղուցը, որտեղ երկիրը պահպանում է Պատագոնիայի բնույթը, բայց Հրո Երկրի խոնավ և ցուրտ սահմաններում սրանցից ոչ մի հատ չի պատահում։ Որ կլիման կարող էր և հարմար չլինել մի քանի կարգերի համար, ինչպես, օրինակ, մողեսների համար, այդ կարելի էր սկզբից էլ ասել. բայց ինչ վերաբերում է գորտերին, նրանց չգոյության պատճառներն այնքան էլ պարզ չեն։

Բզեզներ այստեղ շատ քիչ քանակությամբ են պատահում, երկար ժամանակ ես չէի կարող հավատալ, որ Շոտլանդիայի չափ մեծ մի երկիր, որը ծածկված է բուսական պրոդուկցիաներով և ներկայացնում է տարբեր բնույթի վայրեր, կարող էր բզեզներից այդ աստիճան աղքատ լինել։ Իմ գտած մի քանի բզեզներն ալպյան տեսակներ էին (Harpalidae և Heteromidae), որոնք ապրում էին քարերի տակ։ Բուսակեր Chrysomelidae-ները, որոնք խիստ հատկանշական են տրոպիկական գոտուն, այստեղ գրեթե ամբողջապես բացակայում են[135]. շատ քիչ ճանճեր, թիթեռներ կամ մեղուներ տեսա, իսկ ծղրիդ կամ օրթոպտերա բոլորովին չտեսա։

Լճակներում շատ քիչ ջրային բզեզներ գտա, իսկ անուշահամ ջրի խեցիներից ոչ մի հատ։ Succinea-ն առաջին հայացքից կարող է բացառություն կազմել, բայց այստեղ նա պետք է ցամաքային խեցի համարվի, որովհետև նա ապրում է ջրից հեռու՝ խոնավ խոտերի մեջ։ Ցամաքային խեցիների կարելի էր հանդիպել միայն բզեզների հետ միևնույն ալպյան բուսականության մեջ։ Ես արդեն տվել եմ Հրո Երկրի կլիմայի, ինչպես և ընդհանուր տեսքի համեմատությունը Պատագոնիայի նկատմամբ, որը կատարյալ հակապատկեր է ներկայացնում, այդ տարբերությունն ուժեղ արտահայտվում է այդ երկրների միջատների մեջ. Չեմ կարծում, որ երկու երկրներում գոյություն ունենա մի ընդհանուր տեսակ. իսկապես միջատների ընդհանուր բնույթը մեծ չափով տարբեր է լինում։

Եթե ցամաքից դառնանք դեպի ծովը, կտեսնենք, որ վերջինս այնքան հարուստ է իր մեջ ապրող էակներով, որքան առաջինն աղքատ է։ Աշխարհի բոլոր մասերում էլ ժայռոտ և մասամբ պաշտպանված ափը գուցե ավելի մեծ թվով անհատ կենդանիներ է ունենում, քան որևէ այլ վայր։ Կա մի ծովային բույս, որն իր կարևորությամբ արժանի է առանձին ուշադրության։ Այդ ծովային ջրիմուռն է (Maсrocystis pyrifera)։ Այս բույսն աճում է ամեն մի ժայռի վրա, տեղատվության սահմանից սկսած մինչև բավականին խորը տեղերը, և՛ արտաքին ափերին, և՛ նեղուցներում։[136] Ես կարծում եմ, որ «Ադվենչըր»-ի և «Բիգլ»-ի ճանապարհորդությունների ժամանակ մակերեսին մոտի ոչ մի ապառ չի հայտնաբերվել, որ այս լողացող ծովախոտերից փաթաթված չլինի։ Ուշադրության արժանի է այն մեծ ծառայությունը, որ մատուցում են այս ջրիմուռներն այս փոթորկոտ ցամաքի մոտ լողացող նավերին, և իսկապես նրանք բազմաթիվ նավեր են փրկել խորտակումից։ Ես շատ քիչ բաներ գիտեմ, որոնք ավելի զարմանալի լինեն, քան երբ մարդ տեսնում է այս բույսն արևմտյան օվկիանոսի ուժեղ ալիքների մեջ աճելիս և բարգավաճելիս, որտեղ ոչ մի ժայռի զանգված, որչափ էլ ամուր լինի նա, չի կարող երկար դիմանալ։ Ցողունը կլոր է, հարթ և լորձնոտ և շատ քիչ դեպքերում է ունենում մեկ մատնածափի հասնող տրամագիծ։ Մի քանիսը միասին վերցրած բավական ուժեղ են և կարող են պահել մեծ, թույլ քարերը, որոնց կպած նրանք աճում են ներցամաքային նեղուցներում. այս քարերից մի քանիսն այնքան մեծ էին, որ մակերեսին բարձրացնելուց հետո մի մարդ դժվարանում էր բարձրացնել այս քարերը և դնել նավի մեջ։ Կապիտան Կուկն երկրորդ ճանապարհորդության մեջ ասում է, որ Կերգելենի Երկրում այս ջրիմուռը բարձրանում է ավելի քան քսանչորս գրկաչափ խորությունից և նա ուղղաձիգ ուղղությամբ չի աճում, այլ հատիկի հետ կազմում է շատ սուր անկյուն, բացի այդ նրա մի զգալի մասն էլ հետագայում մի քանի գրկաչափ ծովի մակերեսի վրա է տարածվում. ես վստահորեն կարող եմ ասել, որ նրանցից մի քանիսն աճում են վաթսուն գրկաչափ և ավելի։[137] Ես չեմ ենթադրում, որ մի այլ բույսի ցողունը երեք հարյուր վաթսուն ոտնաչափի է հասնում, ինչպես այս բույսինը, որը զտել է կապիտան Կուկը։ Բացի այդ, կապիտան Ֆից Ռոյը գտել է այդ ջրիմուռի մի նմուշ, որը ջրի երեսն է բարձրացած եղել[138] քառասունհինգ գրկաչափ խորությունից։ Այս ջրիմուռի շերտերը, թեև շատ լայն չեն, կազմում են սքանչելի լողացող բնական թմբեր։ Չափազանց հետաքրքրական է տեսնել մի բաց նավահանգստում, թե ինչպես բաց ծովից մեծ ալիքները ճանապարհորդելով այդ թափառող ցողունների միջով՝ իջնում է նրանց (ալիքների) բարձրությունը և վերածվում հարթ ջրի։

Այն ապրող էակները, որոնք գտնվում են այս ջրիմուռների շրջանում, որոնց գոյությունը սերտորեն կախված է այս ջրիմուռից, բոլոր կարգերը միասին վերցրած՝ զարմանալիորեն մեծ են։ Այս ջրիմուռներից միայն մի շերտում գտնվող բնակիչները նկարագրելու համար կարելի էր գրել մի մեծ հատոր։ Գրեթե բոլոր տերևները, բացառությամբ մակերեսի լողացողների, այնպես խիտ են ծածկվել կորալային ֆորմացիաներով, որ կարծեք թե նրանց գույնն սպիտակ է։ Մենք գտնում ենք վերին աստիճանի նուրբ կառուցվածքներ, որոնցից մի քանիսի վրա բնակվում են հիդրայանման պարզ պոլիպներ, մի քանիսի վրա էլ ավելի կազմակերպված տեսակներ և բարդ գեղեցիկ Ascidae-ները։ Տերևների վրա կպած են նաև զանազան թերթաձև, խեցիներ, Trchhi-ներ, մերկ մոլուսկներ և մի քանի երկփեղկանիներ։ Անհաշիվ ողորկապատյաններ այցելում են այս բույսի բոլոր մասերը։ Եթե մեկը ցնցի խճճված մեծ արմատները, միաժամանակ ներքև կթափվեն մի կույտ մանր ձկներ, խեցիներ, թանաքաձկներ, բոլոր կարգերի խեչափառներ, մի տեսակ ծովոզնի, ծովաստղեր, գեղեցիկ հոլոթուրիաներ (Holothuriae), պլանարիաներ (Planariae) և սողացող բազմապիսի ներեիդային կենդանիների տեսակներ։ Յուրաքանչյուր անգամ, իսկ այդ հաճախ էր լինում, երբ ես պատահում էի ջրիմուռի մի ճյուղի, միշտ նրա վրա ես գտնում էի նոր և հետաքրքրական կառուցվածքի կենդանիներ։

Չիլոեում, որտեղ ջրիմուռն այնքան լավ չի աճում, այդ բազմաթիվ խեցիները, կորալինները և ողորկապատյանները բացակաձnւմ են. բայց այնտեղ դեռ մնում են մի քանի Flustraceae-ներ և մի քանի բարդ Ascidiae-ներ. սակայն վերջիններս տարբերվում են Հրո Երկրում գոյություն ունեցող տեսակներից։ Այսպիսով մենք տեսնում ենք, որ ջրիմուռն ավելի լայն աշխարհագրական տարածում ունի, քան այն կենդանիները, որոնց համար նա ծառայում է որպես բնակարան։ Հարավային կիսագնդի այս ջրային մեծ անտառները միայն կարելի է համեմատել միջարևադարձային գոտու ցամաքային անտառների հետ։ Սակայն եթե որևէ երկրում ոչնչացնեն բոլոր անտառները, կասկածից դուրս է, որ նրանց մեջ ապրող տեսակների համար այդ այնքան կորստաբեր չէր լինի, որքան այստեղ. ջրիմուռի ոչնչացումից ոչնչանում է գրեթե նրա ամբողջ կենդանական աշխարհը։ Այս բույսի տերևների մեջ ապրում են բազմաթիվ տեսակի ձկներ, որոնք բացի այստեղից ոչ մի տեղ չեն կարող սնունդ կամ ապաստարան գտնել. սրանց ոչնչացումից կոչնչանան նաև բազմաթիվ ծովագռավներ և այլ ձկնորս թռչուններ, ջրասամույրներ, փոկեր և դելֆիններ և վերջապես Հրո Երկրի վայրենին, այս ողորմելի երկրի ողորմելի տերը, կկրկնապատկեր իր մարդակերական խնճույքների թիվը, կնվազեր թվով, գուցե և կդադարեր գոյություն ունենալուց։

Հունիսի 8.— Առավոտյան կանուխ հավաքեցինք խարիսխը և դուրս եկանք Պորտ Ֆեմինից։ Կապիտան Ֆից Ռոյը որոշել էր Մագելլանի նեղուցից դուրս գալ Մագդալինի ջրանցքով, որը շատ ժամանակ չէր անցել, որ հայտնաբերվել էր։ Մեր ճանապարհն ընկնում էր ուղիղ դեպի հարավ, այն մռայլ անցքից ներքև, որ ես վերը հիշել եմ որպես մի ավելի վատ աշխարհ տանող ճանապարհ։ Քամին բարենպաստ էր, բայց մթնոլորտը շատ թանձր էր, այնպես որ մենք զրկվեցինք շատ հետաքրքրական տեսարաններից։ Մութ պատառոտված ամպերն արագ անցնում էին լեռների վրայով, սկսած գագաթից մինչև ստորոտները։ Այն նշմարումները, որոնք անում էինք մութ զանգվածի միջից, վերին աստիճանի հետաքրքրական էին. ցցված կետեր, ձյան կոնուսներ, կապույտ սառցադաշտեր, ուժեղ ուրվագծեր՝ դրոշմված դժգույն երկնքի վրա, երևում էին տարբեր հեռավորությունների և բարձրությունների վրա։ Այսպիսի մի ընդհանուր տեսարանի մեջ Թոռն հրվանդանում խարիսխ գցեցինք, Սարմիենտո լեռան խիստ մոտիկ, որն այդ ժամանակ թաքնված էր ամպերի մեջ։ Մեր փոքրիկ խորշի բարձր և գրեթե վերտիկալ կողերի հիմքում կար մի լքված ռւիգվամ, և միայն այդ ուիգվամն էր, որ հիշեցնում էր մեզ, թե մի ժամանակ մարդը թափառել է այս ամայի երկրում։ Դժվար կլիներ պատկերացնել մի տեսարան, որտեղ նա կարողանար խաղալ ավելի խղճուկ դեր։ Բնության անկենդան գործոնները — ժայռը, սառույցը, ձյունը, քամին և ջուրը — բոլորը պայքարի մեջ իրար դեմ, բայց միացած մարդու դեմ — այստեղ իշխում էին բացարձակ գերիշխանությամբ։

Հունիսի 9.— Առավոտյան մենք շատ ու.րախացանք, երբ տեսանք, որ մշուշի քողն աստիճանաբար բարձրանում է Սարմիենտոյից, և սարը բացվում է մեր առջև։ Այս սարը, որը Հրո Երկրի ամենաբարձր սարերից մեկն է, ունի 6800 ոտնաչափ բարձրություն։ Նրա ստորոտը, ամբողջ բարձրության մոտ մեկ ութերորդ մասի վրա, ծածկված է մութ անտառներով, իսկ դրանից վերև մինչև գագաթը տարածվում է ձյան շրջանը։ Ձյան այս վիթխարի կույտերը, որոնք երբեք չեն հալչում և կարծեք թե դատապարտված են մնալու այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհը կա, ներկայացնում են մի հոյակապ և մինչև անգամ անգերազանցելի տեսարան։ Լեռան ուրվագիծն սքանչելիորեն պարզ էր և որոշակի։ Շնորհիվ սպիտակ և շողացող մակերեսի անդրադարձրած լույսի առատության՝ ոչ մի մասի վրա ստվեր չէր ձգված, և կարելի էր տարբերել միայն այն գծերը, որոնք հատում երկինքը, ուստի զանգվածը կանգնած էր իր ամենացայտուն ռելեֆով։ Բազմաթիվ սառցադաշտեր ոլորապտույտ ընթացքով վերևի ձյան մեծ տարածությունից իննում էին ծովափ. նրանք կարող են նմանվել մեծ սառած Նիագարաների. գուցե այս կապույտ սառցի սահանքներն այնպես գեղեցիկ են, ինչպես շարժվող ջրվեժները։ Գիշերը հասանք ջրանցքի արևմտյան մասը. բայց ջուրն այնքան խորն էր, որ ոչ մի տեղ խարիսխ գցել հնարավոր չէր, հետևաբար մենք ստիպված էինք խույս տալ ափերից և շարունակել ճանապարհը ծովի այս նեղ թևով, թանձր մթության միջով, տասնչորս երկար ժամ անընդհատ։

Հունիսի 10.— Առավոտյան մի կերպ մտանք Խաղաղ օվկիանոսը։ Արևմտյան ափն ընդհանրապես բաղկացած է գրանիտի և գրինշտեյնի ցածր, կլոր և բոլորովին լերկ բլուրներից։ Սըր. Ջ. Նարբոբոն այդ մասն անվանել է „South Desolaion” (Հարավային ամայություն), որովհետև, ինչպես նա է ասում, «այդ վայրն անչափ ամայի է երևում», և նա միանգամայն իրավացի է։ Բացի գլխավոր կղզիներից, գոյություն ունեն անհաշիվ ցրված ժայռեր, որոնց վրա անընդհատ կատաղաբար փշրվում են բաց օվկիանոսի վիթխարի ալիքները։ Մենք անցանք արևմտյան և արևելյան ֆուրիաների միջև, և քիչ ավելի հյուսիս այնքան շատ փրփրադեզ ալիքներ կան, որ ծովը կոչվում է Հարդագողի Ճանապարհ։ Այսպիսի ծովափին բավական է մի անգամ նայել, որպեսզի ցամաքից նոր եկած նավաստին շաբաթներով մտածի նավաբեկումների, վտանգների և մահվան մասին. այս տեսարանով մենք մեր վերջին հրաժեշտը տվինք Հրո Երկրին։

Այս մայր ցամաքի հարավային մասերին վերաբերող հետևյալ դատողությունները, որ մենք բերելու ենք ստորև, նրա կլիմայի և նրա հետ կապված բնության արտադրանքի, ինչպես և հավերժական ձյան սահմանի, սառցադաշտերի արտասովոր կերպով ցած իջնելու և անտարկտիկի կղզիների հավերժական սառեցման գոտու մասին, կարելի է և չկարդալ, եթե մեկը չի հետաքրքրվում այդ մանրակրկիտ խնդիրներով, կամ թե չէ կարելի է կարդալ վերջում տրված ամփոփումը։ Այնուամենայնիվ այստեղ ես տալու եմ մի ամփոփ քաղվածք։

Հրո-Երկրի և հարավ-արևմտյան ափի կլիմայի և բնության արտադրանքի մասին.— Հետևյալ աղյուսակը տալիս է Հրո Երկրի և Ֆալկլանդական կղզիների միջին ջերմաստիճանը.[139] Դուբլինի միջին ջերմաստիճանը բերված է բաղդատության համար։

Լայնություն Ամառվա ջերմաստ. Ձմեռվա ջերմաստ. Ձմեռվա և ամառվա
ջերմաստ. միջինը
Հրո Երկիր 53° 38՛ S. 50° 33,08° 41,54°
Ֆալկլանդական կղզիներ 51° 30՛ S. 51°
Դուբլին 53° 21՛ N. 59,54° 39,2° 49,37°

Այստեղից մենք տեսնում ենք, որ Հրո Երկրի կենտրոնական մասը, Դուբլինի հետ համեմատած, ձմեռն ավելի ցուրտ է, իսկ ամառը մոտ 9,5°-ով պակաս տաքություն է ունենում։ Ըստ Ֆոն Բուխի Սալտենֆիորդում (Նորվեգիա) միջին ջերմաստիճանը հուլիս ամսին, որն ամենատաք ամիսը չէ, 57,8° է, իսկ այս կետը բևեռին 13°-ով ավելի մոտ է, քան Պորտ Ֆեմինը[140]։ Որչափ էլ մեզ համար խիստ թվա այս կլիման, այնուամենայնիվ այնտեղ շատ փարթամ աճում են մշտադալար ծառեր։ Հաճախ 55° Տ. լայնության վրա երևում են հծծող թռչուններ (կոլիբրի), ծաղիկներից ծծելիս, և թութակներ՝ Drimys Winteri-ի սերմերով սնվելիս։ Ես արդեն մատնանշել եմ, թե ծովն ի՛նչ աստիճան վխտում է ապրող էակներով. և խեցիներն այստեղ (ինչպես Patellae, Fissurelae), ըստ մր. Գ. Բ. Սոուերբիի, շատ ավելի մեծ են և ամուր, քան անալոգ (հանգունակ) տեսակները հյուսիսային կիսագնդում։ Մի մեծ Voluta առատորեն գտնվում է Հրո Երկրի հարավային մասում և Ֆալկլանդական կղզիներում։ Բահիա Բլանկայում, 39° հարավային լայնության վրա, հաճախակի հանդիպող խեցիներն Oliva-ի երեք տեսակներն էին (մեկը բավականին մեծ), մեկ կամ երկու Voluta և մեկ Terebra։ Սրանք բոլորը պատկանում են տրոպիկական ամենաբնորոշ ձևերի շարքին։ Կասկածելի է, որ Oliva-ի մինչև անգամ մի փոքր տեսակը գոյություն ունենա Եվրոպայի հարավային ափերին, իսկ մյուս երկու սեռերից և ոչ մի տեսակ չկա։ Եթե մի երկրաբան 39° լայնության վրա, Պորտուգալիայի ափերին գտներ մի շերտ, որը պարունակեր մեծ քանակությամբ խեցիներ, որոնք պատկանեին Oliva-ի երեք տեսակներ ին, Voluta-յին և Terebra-յին, հավանորեն նա կպնդեր, որ նրանց գոյության ժամանակաշրջանում կլիման պետք է որ տրագիկական եղած լինի, բայց դատելով հարավային Ամերիկայից՝ նման եզրակացությունը կարող էր սխալ լինել։

Հրո Երկրի միահավասար, խոնավ և հողմային կլիման տարածվում է, ջերմության չնչին բարձրացումով, ցամաքի արևմտյան ափի երկայնքով մի քանի աստիճան դեպի հյուսիս։ Հոռն հրվանդանից 600 մղոն հյուսիս անտառներն ունեն վերին աստիճանի նման տեսք։ Որպես օրինակ կլիմայի միահավասարության՝ ես կարող եմ հիշատակել Չիլոեի կլիման (մի վայր, որը մինչև անգամ 300 կամ 400 մղոն ավելի հյուսիս է և լայնությամբ համապատասխանում է Սպանիայի հյուսիսային մասերին), որտեղ դեղձը շատ հազվադեպ է պտուղ տալիս, մինչ մորին և խնձորն աճում են կատարյալ կերպով։ Մինչև անգամ գարու և ցորենի հունձը[141] հաճախ բերում են տուն՝ չորանալու և հասունանալու համար։ Վալդիվիայում (40° լայնության տակ, ինչպես Մադրիդն է) հասնում է խաղողը և թուզը, բայց դրանք մասնակի դեպքեր են. հազվադեպ հասնում է և ձիթապտուղը, իսկ նարինջը՝ երբեք։ Այս պտուղները Եվրոպայի համապատասխան լայնություններում, բոլորին հայտնի է, աճում են շատ հաջող. մինչև անգամ այս մայր ցամաքում, Ռիո Նեգրոյում, գրեթե միևնույն զուգահեռականի տակ, ինչպես Վալդիվիան է, մշակում են բատատ (Convolvulus), իսկ խաղողը, թուզը, ձիթենին, նարինջը, ձմերուկը, սեխը շատ առատ բերք են տալիս։ Թեև Չիլոեի ու նրանից հյուսիս և հարավ գտնվող ծովափնյա խոնավ և միահավասար կլիման աննպաստ է մեր պտուղների համար, բայց այդ վայրերի անտառնեըը, 45°-ից մինչև 38°, իրենց փարթամությամբ մրցում են միջարևադարձային հրավառ շրջանների անտառների հետ։ Վեհաշուք բազմատեսակ ծառերն իրենց ողորկ և խիստ գունավոր կեղևներով բեռնավորված են պարազիտային միաշաքիլ բույսերով. բազմաթիվ են մեծ և գեղակազմ պտերները (ձարխոտ), և ծառանման խոտերը հյուսում են ծառերը և վերածում նրանց մի ընդհանուր խճճված զանգվածի՝ մինչև երեսուն, քառասուն ոտնաչափ գետնից վեր։ Արմավի ծառերն աճում են 37° լայնությունում. ծառանման մի խոտ, չափազանց նման բամբուկի, աճում է 40° լայնությունում, իսկ մի այլ շատ մոտիկ տեսակ, բավականին երկար, բայց ոչ ուղիղ, զարգանում է մինչև անգամ 45° հարավում։

Թվում է թե միանման մի կլիմա, որն ակներևաբար արդյունք է ծովի ընդարձակ տարածության՝ ցամաքի հետ համեմատած, տարածվում է հարավային կիսագնդի մեծ մասի վրա, և որպես հետևանք՝ բուսականությունն ստանում է կիսատրոպիկական բնույթ։ Վանդիմենի Երկրում (45° լայնություն) ծառանման պտերներն աճում են շատ փարթամ, և ես չափեցի մի բուն, որն ուներ ոչ պակաս քան վեց ոտնաչափ շրջագիծ։ Ֆորստերը Նոր Զելանղիայում (46° լայնության վրա) գտել է ծառանման մի պտեր, որտեղ օրխիդային բույսերը պարազիտային կյանք են անցկացնում ծառերի վրա։ Օկլենդ կղզիներում պտերները, ըստ դր. Դիֆենբախի,[142] այնպես հաստ և բարձր բներ ունեն, որ նրանց գրեթե կարելի է ծառանման պտերներ անվանել, և այս կղզիներում, և մինչև անգամ ավելի հարավ, 55° լայնության վրա՝ Մակուարի կղզիներում վխտում են թութակները։

Հարավային Ամերիկայի ձյան սահմանի բարձրության և սառցադաշտերի վայրէջքի մասին.
Լայնություն Ձյան սահմանի բարձրությունը
ոտնաչափերով
Դիտողություն կատարողները
Հասարակածային շրջան, միջին արդյունք 15.748 Հումբոլտ
Բոլիվիա, հարավային լայնության 10°-ից 18° 17.000 Պենտլանդ
Կենտրոնական Չիլի, 33° հարավային լայնության 14.500-ից մինչև 15.000 Ջիլլի և հեղինակը
Չիլոե, հարավային լայնության 41°-ից 43° 6.000 «Բիգլ»-ի սպաները և հեղինակը
Հրո Երկիր, հարավային լայնության 54° 3.500-ից մինչև 4.000 Կինգը

Որովհետև հավերժական ձյան հարթության բարձրությունն ըստ երևույթին գլխավորապես որոշվում է ամառվա ամենաբարձր տաքությունով, քան թե տարվա միջին ջերմաստիճանով, ուստի մեզ զարմանալի չպիտի թվա, որ Մագելլանի նեղուցում, որտեղ ամառը շատ զով է, բարձրությունն իջնում է 3.500-ից մինչև 4000 ոտնաչափ ծովի մակերևույթից հաշված, թեև Նորվեգիայում հավերժական ձյան սահմանի նույն բարձրությանը պատահելու համար մենք պիտի բավականին հյուսիս բարձրանանք, 67°-ից մինչև 70° հյուսիսային լայնությունը, այսինքն մոտավորապես 14° ավելի մոտիկ բևեռին, քան Մագելլանի նեղուցը։ Ձյան սահմանի բարձրության տարբերությունը Կորդիլյերների տարբեր կետերում, այն է՝ Չիլոեի հետևում (որտեղ ամենաբարձր կետերը հազիվ հասնում են 5.600-ից մինչև 7.500 ոտնաչափի) և Կենտրոնական Չիլիում,[143] որն առաջին կետից միայն 9° լայնության հեռավորություն ունի) ապշեցուցիչ չափերի է հասնում. այդ հավասար է 9000 ոտնաչափի։ Չիլոեից դեպի հարավ մինչև Կոնսեպսիսնի մոտերքը (37° լայնություն) երկիրը ծածկված է մի ընդհանուր խիտ անտառով, որը հագեցած է խոնավությամբ։ Երկինքն ամպամած է, և մենք տեսանք, թե որչափ վատ են աճում այստեղ հարավային Եվրոպայի պտուղները։ Մյուս կողմից՝ Կենտրոնական Չիլիում, Կոնսեպսիոնից քիչ դեպի հյուսիս, երկինքն ընդհանրապես պայծառ է լինում, ամառվա յոթ ամիսներին անձրև չի տեղում, և հարավային Եվրոպայի պտուղներն աճում են այստեղ շատ սքանչելիորեն. այստեղ մինչև անգամ շաքարեղեգ[144] են մշակել։ Հավանորեն հավերժական ձյան բարձրության սահմանը Կոնսեպսիոնի լայնությունից ոչ հեռու, որտեղ երկիրը դադարում է անտառով ծածկվելուց, գտնվում է 9000 ոտնաչափ բարձրություն ունեցող նշված զարմանալի թեքությունների վրա, որի նմանը չկա աշխարհի և ոչ մի այլ մասում, որովհետև անտառները հարավային Ամերիկայում ապացույց են անձրևային կլիմայի, անձրևի և ամպամած երկնքի ու ամառվա սակավ ջերմության։

Սառցագաշտերի վայրէջքը դեպի ծով, կարծում եմ, պետք է կախված լինի (որն, իհարկե, ենթակա է վերին մասերում ձյան բավականաչափ շատ կուտակումների) գլխավորապես ծովափին մոտիկ դիք լեռների հավերժական ձյան գծի ցածր լինելուց։ Որովհետև ձյան սահմանը շատ ցածր է Հրո Երկրում, ուստի կարելի էր նախապես սպասել, որ սառցադաշտերից շատերը ծովը կհասնեին։ Բայց և այնպես ես շատ զարմացա, երբ առածին անգամ տեսա մի լեռնաշարքի միայն 3000-ից 4000 ոտնաչափ բարձրության (Կումբերլանդի լայնության վրա), որտեղ յուրաքանչյուր հովիտ լցված էր դեպի ծովափ իջնող սառցի հոսանքներով։ Գրեթե ծովի յուրաքանչյուր թև, որը թափանցում է մինչև ներքին բարձր շղթաները, ոչ միայն Հրո Երկրում, այլ մինչև անգամ 650 մղոն հյուսիսում վերջանում է «սոսկալի մեծ և ապշեցուցիչ սառցադաշտերով», ինչպես նկարագրում է հետախուզող սպաներից մեկը։ հաճախ այս սառցե գահավանդներից ընկնում են սառցի մեծ զանգվածներ, և նրանց շառաչն արձագանքում է ինչպես ամայի ջրանցքով անցնող ռազմանավի թնդանոթների համազարկը։ Այս անկումները, ինչպես նշված է նախընթաց գլխում, առաջացնում են մեծ ալիքներ, որոնք փշրվում են կից ափերին։ Հայտնի է, որ երկրաշարժերը հաճախ ծովափնյա գահավանդներից մեծ զանգվածներ ծովը գլորվելու պատճառ են դառնում. որչափ սարսափելի պետք է լինի մի ուժեղ հարվածի ազդեցությունը (և այդպիսի ուժեղ հարվածներ այստեղ պատահում են)[145] սառցադաշտի նման մի մարմնի վրա, որն արդեն շարժման մեջ է և ճաքճքված է։ Հավանական է, որ այդ դեպքում ջրանցքի ջուրը միանգամից դուրս է մղվում մինչև անգամ ամենախոր ջրանցքից և ապա վերադառնալով՝ աներևակայելի ուժով շուռ է տալիս ժայռեր ի ահռելի մեծ զանգվածներ ինչպես մի հարդի շյուղ։ Էյրի նեղուցում (Փարիզի լայնության տակ) կան հսկայական սառցադաշտեր, չնայած որ մոտակա ամենաբարձր սարի բարձրությունը 1200 ոտնաչափից չի անցնում։ Այս նեղուցում միաժամանակ տեսել են հիսուն սառցասար դեպի բաց ծով լողալիս, և նրանցից մեկի ամբողջ բարձրությունը եղել է առնվազն 168 ոտնաչափ։ Սառցասարերից մի քանիսը բեռնավորված են եղել գրանիտի և այլ ապառի մեծ կտորներով, որոնք տարբերվում են շրջապատի լեռների կավային թերթաքարերից։ Բևեռից ամենահեռու գտնվող սառցադաշտը, որը չափվել է «Ադվենչըր» և «Բիգլ» նավերի ճանապարհորդության ժամանակ, եղել է Պենյասի ծոցում, 46° 50՛ լայնության տակ։ Նա ունի տասնհինգ մղոն երկարություն և մի տեղում յոթ մղոն լայնություն, և իջնում է մինչև ծովափ։ Բայց այս սառցադաշտից մինչև անգամ մի քանի մղոն հյուսիս, Լագունա դե Սան Ռաֆայելում, մի քանի սպանացի միսիոնարներ,[146] ծովի մի նեղ թևում, մեր հունիս ամսին համապատասխանող ամսի 22-ին, և մի լայնության տակ, որը համապատասխանում է Ժնևի լճի լայնությանը, պատահել են «բազմաթիվ սառցասարերի, մի քանիսը մեծ, մի քանիսը փոքր, իսկ մի քանիսն էլ միջին մեծության»։

Եվրոպայում ամենահարավային սառցադաշտը, որը գալիս է ներքև դեպի ծովը, պատահում է, ըստ ֆոն Բուխի, Նորվեգիայի ափերին, 67° լայնության տակ։ Այս վերջինս ավելի քան 20° լայնություն կամ 1230 մղոն ավելի մոտ է բևեռին, քան Լագունա դե Սան Ռաֆայելը։ Այստեղ և Պենյասի ծոցում սառցադաշտերի դիրքը ներկայացնում է է՛լ ավելի զարմանալի մի երևույթ, որովհետև նրանք ծովափ են իջնում 7,5° լայնություն կամ 450 մղոն հեռու մի նավահանգստից, որտեղ ամենատարածված խեցիներն են երեք տեսակի Oliva, մի Voluta և մի Terebra, 9°-ից պակաս լայնություն հեռու մի վայրից, որտեղ աճում են արմավենիներ, 4,5° լայնություն՝ մի այլ շրջանից, որտեղ հարթավայրերում թափառում են յագուարը և պուման. 2,5°-ից պակաս՝ ծառանման խոտերից, և (միևնույն կիսագնդում դեպի արևելք) 2°-ից պակաս՝ օրխիդային պարազիտներից, և միայն մի աստիճան հեռու ծառանման պտերներից։

Այս փաստերը հյուսիսային կիսագնդի վալունները փոխադրվելու պերիոդի կլիմայի առնչությամբ երկրաբանական բարձր արժեք ունեն։ Ես այստեղ չեմ կարող մանրամասն պատմել, թե ժայռերի բեկորներով բեռնավորված սառցասարերի թեորիան որչափ պարզ կերպով կարող է բացատրել հսկայական վալունների ծագումը և դիրքը Հրո Երկրի արևելյան մասում, Սանտա Կրուսի բարձր հարթավայրերում և Չիլոե կղզում։ Հրո Երկրում վալունների մեծ մասն ընկնում է նախկին ծովերի ջրանցքների ուղղություններում, որոնք այժմ երկրի բարձրացման շնորհիվ փոխարկվել են չոր հովիտների։ Սրանց ուղեկցում է տղմի և ավազի չշերտավորված մի մեծ ֆորմացիա, որը պարունակում է ամեն չափի, կլոր և անկյունավոր բեկորներ, որոնք ծագում[147] են գահավիժող սառցասարերի և նրանց հետ եկած նյութերի կողմից ծովի հատակի կրկնվող ակոսումից։

Մի քանի երկրաբաններ այժմ կասկածում են բարձր սարերի մոտ ընկած թափառական վալունները սառցադաշտերի կողմից տարված լինելու, վրա, իսկ լեռներից հեռու, գտնվածները և ընդծովյա նստվածքների մեջ թաղվածներն այնտեղ տարվել են կամ սառցասարերի հետ կամ սառել ծովափի սառցի մեջ։ Վալունների տեղափոխման և որոշ ձևի սառցի ներկայության մեջ գոյություն ունեցող կապն ուժեղ կերպով երևում է նրանց աշխարհագրական տարածումից երկրի մակերեսի վրա։ Հարավային Ամերիկայում նրանք հարավային բևեռից հաշված 48° լայնությունից հեռու չեն գտնվում։ Հյուսիսային Ամերիկայում ըստ երևույթին նրանց տեղափոխման սահմանը տարածվում է մինչև 53,5° հյուսիսային բևեռից հաշված, բայց Եվրոպայում 40° լայնությունից չի անցնում, հաշված, իհարկե, նորից հյուսիսային բևեռից։ Մյուս կողմից՝ Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի միջարևադարձային մասերում սրանք երբեք չեն նկատվել և ոչ էլ նկատվել են Բարեհուսո հրվանդանում, ոչ էլ Ավստրալիայում։[148]

Անտարկտիկական կղզիների կլիմայի և բնության արտադրանքների մասին.— Նկատի ունենալով Հրո Երկրի և նրա հյուսիսային ափի հարուստ բուսականությունը, Ամերիկայի հարավում և հարավ-արևմտյան մասում գտնվող կղզիների վիճակը շատ զարմանալի է դառնում։ Սանդվիչի կղզին, որը գտնվում է Հյուսիսային Շոտլանդիայի լայնության վրա, գտնված է Կուկի կողմից տարվա ամենաշոգ ամսին, «ծածկված մի քանի գրկաչափ հավերժական ձյան հաստ շերտով». ըստ երևույթին այնտեղ չի եղել և ոչ մի տեսակի բուսականություն։ Ջորջիան, մի կղզի, որն ունի իննսունվեց մղոն երկարություն և տասը մղոն լայնություն և գտնվում է Յորկշիրի լայնության վրա, «ամառվա հենց կեսին ամբողջովին ծածկված է սառած ձյունով»։ Նրա ամբողջ բուսականությունը կազմում են մամուռները, տեղ-տեղ դուրս ցցված կանաչ խոտերը և վայրի արնախմիկը (Sangui Sorba). նա ունի միայն մեկ ցամաքային թռչուն (Anthus correndera), մինչդեռ Իսլանդիան, որը բևեռին 10° ավելի մոտիկ է, ունի, ըստ Մաքենզիի, տասնհինգ ցամաքային թռչուն։ Հարավային-Շոտլանղական կղզիները, որոնք գտնվում են այն լայնության վրա, ինչ լայնության վրա որ գտնվում է հարավային Նորվեգիայի կեսը, ունի մի քանի տեսակի քարաքոս, մամուռ և շատ քիչ խոտեր, և լեյտենանտ Կենդալը[149] գտավ, որ այն ծոցը, որտեղ իր նավը խարիսխ էր գցել, սկսում է սառչել, այն էլ այնպիսի ժամանակ, որ համապատասխանում է մեր սեպտեմբերի 8-ին։ Հողն այստեղ ներկայացնում է սառցի և հրաբխային մոխրի ընդմիջվող շերտեր, իսկ քիչ խորը, մակերեսի տակ պետք է որ նա մնա հավիտյան սառած, որովհետև լեյտենանտ Կենդալն այնտեղ գտել է մի օտար նավաստու դիակ, որն այնտեղ թաղված է եղել շատ վաղուց, և մարմինն ու կերպարանքն ամբողջությամբ պահպանվել են։ Զարմանալին այն է, որ երկու մեծ աշխարհամասերում հյուսիսային կիսագնդում (բայց ոչ նրանց միջև գտնվող եվրոպական լեռնոտ աշխարհամասում) մենք ունենք ցածր լայնության տակ գետնի հավերժական սառեցման զոնա, որը Հյուսիսային Ամերիկայում սկսվում է 56° լայնությունից, երեք ոտնաչափ խորությամբ[150] գետնի սառեցումով, և Սիբիրում 62°-ից՝ տասներկուսից տասնհինգ ոտնաչափ գետնի սառեցումով, որը հարավային կիսագնդում տիրող պայմանների ակնհայտորեն բոլորովին հակառակն է։ Հյուսիսային աշխարհամասերում ձմեռը չափազանց ցուրտ է լինում, որ արդյունք է ցամաքի մեծ տարածությունից դեպի պարզ երկինքը կատարվող ճառագայթման, ոչ էլ այդ ցուրտը մեղմանում է տաքություն բերող ծովի հոսանքներից. մյուս կողմից՝ կարճատև ամառը տաք է լինում։ Հարավային օվկիանոսում ձմեռն այդքան խիստ չի չինում, բայց ամառն անհամեմատ ավելի քիչ է տաք լինում, քան հյուսիսային կիսագնդում, որովհետև ամպամած երկինքը շատ քիչ է թույլ տալիս, որ արևը տաքացնի օվկիանոսը, որն իր հերթին ջերմության լավ կլանիչ չէ, այստեղից էլ տարվա միջին ջերմաստիճանը, որը հողի տակի հավերժական սառեցման զոնայի կարգավորիչն է, ցածր է լինում։ Հայտնի է, որ առատ բուսականությունը, որն այնքան ջերմության չի պահանջում, որքան պահանջում է խիստ ցրտերից պաշտպանություն, շատ ավելի համապատասխան կլիներ հավերժական սառեցման այս զոնային, հարավային կիսագնդի միահավասար կլիմայում, քան հյուսիսային աշխարհամասերի ծայրահեղ կլիմայի պայմաններին։

Չափազանց հետաքրքրական է հարավային Շոտլանդական կղզիներում (62°—63° S. լայնություն) սառած հողի մեջ նավաստու կատարելապես պահպանված դիակի գտնվելը, մի լայնություն) որն ավելի ցածր է, քան այն լայնությունը (64° N. լայնութ.), որի տակ Սիբիրում Պալլասը սառած ռնգեղջյուր է գտել։ Թեև, ինչպես աշխատել եմ ցույց տալ նախորդ գլուխներից մեկում, սխալ կլինի ենթադրել, որ մեծ չորքոտանիները պահանջում են փարթամ բուսականություն իրենց գոյության համար, այնուամենայնիվ անհրաժեշտ է գտնել հարավային Շոտլանդիայի կղզիներում սառած ենթահող՝ Հոռն հրվանդանի մոտ գտնվող անտառապատ կղզիներից 360 մղոն հեռու, որտեղ, ինչ չափով որ այդ վերաբերում է բուսական զանգվածին, կարող էին իրենց գոյությունը պահել մեծ թվով մեծ չորքոտանիներ։ Սիբիրական փղերի և ռնգեղջյուրների մնացորդների կատարյալ պահպանումը երկրաբանության ամենազարմանալի փաստերից մեկն է, բայց, հարևան երկրներից նրանց սնունդ մատակարարելու երևակայական դժվարությունից անկախ, ամբողջ խնդիրն այնքան անհասկանալի չէ իմ կարծիքով, որքան ընդհանրապես ներկայացնում են։ Սիբիրի հարթավայրերը, պամպասների հարթավայրերի նման, ըստ երևույթին կազմվել են ծովի տակ, որտեղ գետերը բերել են բազմաթիվ կենդանիների մարմիններ, որոնց մեծ մասի կմախքներն են պահպանվել միայն, իսկ մի մասի էլ ամբողջ մարմինը։ Այժմ հայտնի է, որ Ամերիկայի արկտիկական ափերին ծանծաղ ծովերի հատակը սառչում[151] է և գարնանն այնպես շուտ չի հալչում, ինչպես ցամաքի մակերեսը. բացի այդ, մեծ խորություններում, որտեղ ծովի հատակը չի սառչում, վերին շերտի տակ, մի քանի ոտնաչափ խորը, տիղմը կարող է նույնպես մնալ 32° ջերմությունից (0°C) ցածր, մինչև անգամ ամառը, ինչպես այդ տեսնում ենք ցամաքի վրա մի քանի ոտնաչափ խորության հողում։ Ավելի խորը մասերում տղմի և ջրի ջերմաստիճանը հավանորեն այնքան ցածր չի լինի, որ հնարավոր լինի մարմնի փափուկ մասերի պահպանումը. այստեղից էլ արկտիկական ափերի մոտ, ծանծաղ մասերից դուրս կիտված մնացորդները պետք է որ միայն կմախքները պահպանած լինեն, այժմ Սիբիրի ծայրագույն հյուսիսում ռսկրներն անսահման շատ են, այնպես որ մինչև անգամ ասում են, որ կղզիները գրեթե ամբողջապես բաղկացած են նրանցից.[152] և այդ կղզիները գտնվում են ոչ պակաս քան 10° լայնություն ավելի հյուսիս, քան այն վայրը, որտեղ Պալլասը գտել է սառած ռնգեղջյուրը։ Մյուս կողմից՝ հեղեղի միջոցով արկտիկական օվկիանոսի ծանծաղ մասերը տարված մնացորդը պետք է որ պահպանված լինի անսահման ժամանակով, եթե նա հետագայում շուտով ծածկվել է բավականին հաստ տղմի շերտով, ամառային ջրի ջերմությունից պաշտպանվելու համար, և եթե ծովի հատակը բարձրանալիս և ցամաքի վերածվելիս այդ ծածկոցն այնքան հաստ է եղել, որ չի թողել ամառային օդի տաքությունը և արևը հալեցնեն և քայքայեն այն։

Ամփոփում.— Այստեղ ես ամփոփելու եմ հարավային կիսագնդի կլիմայի, սառցի գործունեության և օրգանական արտադրանքների նկատմամբ եղած գլխավոր փաստերը, մտքով տեղափոխելով այդ վայրերը Եվրոպա, որին մենք շատ ավելի լավ ենք ծանոթ։ Այսպիսով Լիսաբոնի մոտ ամենահասարակ ծովային խեցիները, այն է՝ երեք տեսակ Oliva, մեկ Voluta և մեկ Terebra, պետք է ունենային տրոպիկական բնույթ։ Ֆրանսիայի հարավային գավառներում շքեղ անտառներ՝ միահյուսված ծառանման խոտերով, և այլ ծառեր՝ բեռնավորված պարազիտային բույսերով, կծածկեին այդ երկրի մակերեսը։ Պուման և յագուարը կթափառեին Պիրենյան լեռների վրա։ Մոնբլանի լայնության վրա, բաց կղզում, որը լինի այնքան հեռու արևմուտքում, որքան հյուսիսային Ամերիկայի կենտրոնական մասը, խիտ անտառների մեջ կաճեին ծառապտերներ և պարազիտային Orchideae-ներ։ Մինչև անգամ այնքան հյուսիս, որքան կենտրոնական Դանիան է, կերևային հծծող թռչուններ՝ նուրբ ծաղիկների շուրջը թռչկոտելիս, և թութակներ՝ մշտադալար անտառներում սնվելիս, իսկ ծովում, նույն լայնության տակ, կգտնեինք մի Voluta և տարբեր տեսակի խեցիներ՝ մեծ և խիստ աճած։ Այնուամենայնիվ մի քանի կղզիներում, Դանիայում մեր նոր Եղջերուի հրվանդանից միայն 360 մղոն հյուսիս, հողում թաղված (կամ եթե քշված տարված է մի ծանծաղ ծով և ծածկվել է տղմով) կենդանական մնացորդը կպահպանվեր և կմնար հավիտյան սառած։ Եթե մի հանդուգն ծովագնաց փորձեր թափանցել այս կղզիներից դեպի հյուսիս, նա կենթարկվեր հազար ու մի վտանգների՝ այս վիթխարի սառցասարերի մեջ, սրանցից մի քանիսի վրա նա կտեսներ ժայռի մեծ կտորներ, որոնք սկզբնական դիրքից շարժվել տարվել են այդքան հեռու։ Մի այլ մեծ կղզի հարավային Շոտլանդիայի լայնության վրա, բայց կրկնակի անգամ ավելի արևմուտք «գրեթե ամբողջովին ծածկված կլիներ հավերժական ձյունով», և որի յուրաքանչյուր ծոցը կվերկանար սառցե գահավանդներով, որտեղից յուրաքանչյուր տարի կպոկվեին և ծովը կընկնեին սառցի մեծ զանգվածներ, այս կղզու միակ պարծանքը կլինեին փոքր մամուռները, սակավ կանաչը և արնախմիկը, իսկ ցամաքային միակ բնակիչը կլիներ մարգերի արտուտը։ Այս մեր Դանիայի նոր Հորն հրվանդանից լեռների մի շղթա, հազիվ Ալպերի բարձրության կեսի չափ, ուղիղ գծով կանցներ դեպի հարավ, իսկ նրա արևմտյան կողմերում ծովի յուրաքանչյուր խորը, նեղ խորշ կամ ֆիորդ կվերջանար «զարհուրելի և ապշեցուցիչ սառցադաշտերով»։ Այս ամայի ջրանցքները հաճախ կարձագանքեին սառույցների անկումից, և այդպես հաճախ մեծ ալիքները կվազեին նրանց ափերի երկայնքով, բազմաթիվ սառցասարերը, որոնցից մի քանիսը բավականին մեծ և հաճախ բեռնավորված «ոչ աննկատելի մեծության քարերի զանգվածներով», կնետվեին դուրս ընկած կղզյակների վրա։ Երբեմն ուժեղ երկրաշարժները զարմանալի մեծության սառցի զանգվածները կշպրտեին ներքև ջրի մեջ։ Վերջապես մի քանի միսիոներներ փորձելով թափանցել ծովի մի երկար թևով՝ կնկատեին շրջապատի ոչ բարձր սարերը, որոնք ներքև դեպի ծովափ են ուղարկում իրենց սառցի բազմաթիվ մեծ գետակները, իսկ նրանց նավակի ընթացքը կխափանվեր անհաշիվ թվով լողացող սառցասարերից, մի քանիսը մեծ, մի քանիսը՝ փոքր։ Այս բոլորը տեղի պետք է ունենար հունիսի քսաներկուսին և այն էլ այնպեսի մի տեղում, որը համապատասխանում է Ժնևի լճի տեղին։[153]


ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՉԻԼԻ

Վալպարայսո.— Էքսկուրսիա դեպի Անդերի ստորոտը.— Երկրի կառուցվածքը.— Քիլոտայի Զանգակալեռը (Քիլոտա) բարձրանալը.— Գրինշտեյնի (Կանաչ քար) ցրված զանգվածներ.— Ընդարձակ հովիտներ.— Հանքեր.— Հանքագործների վիճակը.— Սանտ Յագո.— Կաուկուենեսի տաք աղբյուրները.— Ոսկու հանքեր.— Ջրաղացներ.— Ծակ քարեր.— Պումայի սովորությունները.— Էլ Տուրկո և Տապակոլո.— Հծծող թռչուններ (կոլիբրի)։

Հուլիսի 23.— «Բիգլ»-ն ուշ գիշերին խարիսխ գցեց Վալպարայսոյի խորշում, Չիլիի գլխավոր նավահանգստում։ Երբ լուսացավ, ամեն ինչ հաճելի էր երևում։ Հրո Երկրից հետո Վալպարայսոյի կլիման մեզ սքանչելի էր թվում։ Մթնոլորտն այնպես չոր էր, իսկ երկինքն այնպես պարզ և կապույտ՝ արևի պայծառ շողերով, որ կարծեք թե ամրողջ բնությունը շողշողում էր կյանքով։ Խարսխատեղից տեսարանը շատ գեղեցիկ է երևում։ Քաղաքը շինված է բավականին զառիթափ բլուրների մի շարքի անմիջականորեն տակին, որոնք ունեն մոտ 1000 ոտնաչափ բարձրություն։ Շնորհիվ իր դիրքի՝ նա ներկայացնում է մի երկար խոտորվող փողոց, որը ծովափի հետ կազմում է զուգահեռ գիծ. երբ ճանապարհին հանդիպում է մի ձոր կամ խորություն, ձորի երկու կողմում կարելի է տեսնել կուտակված տներ։ Կլոր բլուրները, մասամբ պաշտպանված լինելով միայն շատ քիչ բուսականությամբ, մաշվելով վերածվել են բազմաթիվ փոքր հեղեղատների, որոնք երևան են հանում հիանալի վառ կարմիր գույնի հող։ Այս և վատ սպիտակացրած տներն իրենց կղմինդրե տանիքներով ինձ հիշեցնում էին Տեներիֆի Սանտա Կրուսը։ Հյուսիս-արևելյան ուղղությունից բավականին պարզ երևում են Անդերը. բայց այս լեռները շատ ավելի հոյակապ տեսք են ստանում, երբ նրանց դիտում են շրջակա բլուրներից. այն մեծ հեռավորությունը, որի վրա նրանք գտնվում են, այդ բլուրներից շատ ավելի հեշտ է ըմբռնվում։ Առանձնապես վեհ տեսք ունի Ակոնգակուայի հրաբուխը։ Այս վիթխարի և անկանոն կոնավոր զանգվածն ունի մի բարձրություն, որը գերազանցում է Չիմբորասոյի բարձրությանը. որովհետև համաձայն «Բիգլ»-ի սպաների կատարած չափումների՝ նա 23000 ոտնաչափից պակաս չէ։ Այս կետից դիտելիս Կորդիլյերներն իրենց գեղեցկությունը մեծ մասամբ պարտական են այն մթնոլորտին, որի միջից նրանք երևում են։ Երբ արևը մայր էր մտնում Խաղաղ օվկիանոսի վրա, հետաքրքրական էր տեսնել, թե ո՜րչափ պարզ երևում էին նրանց խորտուբորտ ուրվագծերը, միաժամանակ ո՜րչափ երփներանգ և որչափ նուրբ էին երևում նրանց գույների ստվերները։

Ինձ համար մեծ բարեբախտություն էր գտնել այստեղ իմ հին դասընկեր և բարեկամ, մր. Ռիչարդ Կորֆիլդին, որն ապրում էր այստեղ և որի հյուրասիրությունը և ազնվությունն ինձ երախտապարտ են թողել. նա ինձ տվել էր մի շատ հաճելի օթևան, երբ «Քիգլ»-ը գտնվում էր Չիլիում։ Վալպարայսոյի անմիջական շրջակայքը բնագետի համար շատ գրավիչ չէ։ Ամբողջ երկար ամառվա ընթացքում քամին անընդհատ փչում է հարավային կողմից և ափի մոտերքով, այնպես որ երբեք անձրև չի գալիս, սակայն ձմեռվա երեք ամիսներին տեղումը բավականին առատ է։ Այս պատճառով էլ բուսականությունը շատ աղքատ է. բացառությամբ քանի խորը հովիտների՝ ծառեր բոլորովին չկան, և միայն քիչ կանաչ և ցածր թփուտներ են աճում՝ բլուրների համեմատաբար քիչ թեքություն ունեցող մասերի վրա ցրված։ Երբ մի րոպե մարդ մտածում է, որ 356 մղոն հարավ Անդերի այս կողմն ամբողջովին ծածկված է անթափանց անտառով, շատ զարմանալի կոնտրաստ է ստացվում։ Մի քանի անգամ երկար զբոսանքներ կատարեցի՝ հավաքելով բնապատմությանը վերաբերող առարկաներ։ Զբոսանքի համար այս երկիրը շատ հաճելի է։ Կան բազմաթիվ շատ գեղեցիկ ծաղիկներ, և, ինչպես այլ շատ չոր կլիմաներում, բույսերը և թփուտներն ուժեղ և յուրահատուկ բուրմունք ունեն — մինչև անգամ մարդու հագուստը, նրանց միջով անցնելիս, բուրավետ է դառնում։ Զարմանքս վերջ չուներ, երբ տեսնում էի, որ յուրաքանչյուր հաջորդող օր նախորդ օրվա նման պարզ և գեղեցիկ էր լինում։ Ի՜նչպիսի մեծ տարբերություններ է առաջացնում կլիման կյանքի վայելքի մեջ։ Ո՜րքան հակադիր զգացողություններ է ստանում մարդ, երբ նախ դիտում է սև լեռներ՝ կիսով չափ ծածկված ամպերով, և ապա դիտում մի այլ շղթա՝ շրջապատված գեղեցիկ օրվա բաց կապույտ մշուշով։ Առաջինը որոշ ժամանակ շատ վեհ տպավորություն է թողնում, իսկ մյուսն ամբողջությամբ զվարթություն և երջանիկ կյանք է ներշնչում։

Օգոստոսի 14.— Դուրս եկա ձիով մի էքսկուրսիայի՝ նպատակ ունենալով երկրաբանական հետազոտություններ կատարելու Անդերի ստորին մասերում, որոնք տարվա միայն այս ժամանակն են ազատ ձմեռային ձյունից։ Մեր առաջին օրվա ճանապարհորդությունը կատարվեց ծովափի երկայնքով դեպի հյուսիս։ Նախքան մթնելը մենք հասանք Քուինտերոյի հասիենդան. այս մի կալվածք է, որն առաջ պատկանել է լորդ Կոչրեյնին։ Իմ այստեղ գալու նպատակը խեցիների մեծ շերտեր տեսնելն էր, որոնք գտնվում են ծովի մակերևույթից մի քանի կանգուն բարձր և այն այրում էին կրի համար։ Այս ամբողջ ծովափի բարձրանալու ապացույցները շատ պարզ են և աներկդիմի. մի քանի ոտնաչափ բարձրության վրա գտնվում են բազմաթիվ հին տեսք ունեցող խեցիներ, և ես մի քանիսը գտա 1300 ոտնաչափ բարձրության վրա։ Այս խեցիները կամ ազատ գտնվում են մակերեսին, կամ թաղված են կարմրավուն սև բուսահող կաղապարի մեջ։ Ես շատ զարմացա, երբ պարզվեց, որ մանրադիտակի տակ այս բուսական կաղապարն իրապես ծովային տիղմ է՝ լի օրգանական մարմինների մանր մասնիկներով։

Օգոստոսի 15.— Մենք վերադարձանք դեպի Քիլոտայի հովիտը։ Այդ վայրը չափազանց զվարթ էր. բանաստեղծներն այն կանվանեին հովվերգական վայր։ Կանաչ բաց մարգագետինները՝ իրարից փոքրիկ հովիտներով և գետակներով բաժանված, և գյուղական փոքրիկ խրճիթները, որոնք հավանորեն պատկանում են հովիկներին, ցրված են բլուրների կողերին։ Մենք ստիպված էինք անցնել Չիլիկաուկենի բլրաշարքը։ Նրա ստորոտում կային բազմաթիվ գեղեցիկ մշտադալար անտառային ծառեր, բայց այդ ծառերն աճում էին միայն ձորերում, որտեղից ջուր է հոսում։ Եթե մեկը միայն տեսել է Վալպարայսոյի շրջակայքը, հազիվ թե կարողանա երևակայել, որ Չիլիում կարող է գոյություն ունենալ այսպիսի գեղանկար տեսարան։ Հենց որ հասանք Սիերայի կատարը, Քիլոսայի ամբողջ հովիտը գտնվում էր անմիջապես մեր ոտների տակ։ Տեսարանը ներկայացնում էր մի զարմանալի արհեստական շքեղություն։ Հովիտը շատ լայն է և բոլորովին հարթ, և հեշտությամբ կարելի է բոլոր մասերն էլ ոռոգել։ Փոքրիկ քառակուսի պարտեզները լցված են ձիթենու և նարնջի ծառերով և ամեն տեսակի բույսերով։ Հովտի երկու կողմերից բարձրանում են ահռելի մերկ լեռներ, և այս կոնտրաստը երփներանգ և զարդարված հովտի տեսքն ավելի հաճելի է դարձնում։ Ով որ Վալպարայսո (դրախտի հովիտ) անունն է տվել այս տեղին, անպայման նկատի է ունեցել Քիլոտան։ Մենք անցանք Հասիենդա դե Սան Իզիդրո, որը գտնվում է Զանգակալեռան անմիջական ստորոտին։

Շատերը տեսած կլինեն քարտեզի վրա, որ Չիլին մի շատ նեղ և երկար երկրամաս է՝ Կորդիլյերների և Խաղաղ օվկիանոսի միջև ընկած, իսկ այս նեղ շերտն էլ իր հերթին կտրում անցնում են մի քանի լեռնաշարքեր, որոնք այս մասում ընթանում են մեծ շղթային զուգահեռ։ Այս արտաքին գծերի և հիմնական Կորդիլյերների միջև իրար հաջորդող հարթ ավազանները, որոնք սովորաբար իրար մեջ են բացվում նեղ անցքերով, տարածվում են հեռու դեպի հարավ։ Այստեղ են տեղավորված գլխավոր քաղաքները, ինչպես Սան Ֆիլիպն է, Սանտ Յագոն, Սան Ֆերնանդոն։ Այս ավազանները կամ հարթավայրերը լայնությամբ կտրող հարթ հովիտների հետ միասին (Քիլատոյի հովտի նման), որոնք կապում են նրանց ծովի հետ, անկասկած հին նեղուցների և խորը ծոցերի հատակներ են, ինչպես այժմ Հրո Երկիրը և արևմտյան ափերը հատող բազմաթիվ նեղուցները և խորշերն են։ Չիլին իր ջրի և ցամաքի կոնֆիգուրացիայով հին ժամանակներում պետք է որ նման լիներ այժմյան Հրո Երկրին։ Այդ նմանությունը երբեմն ուշագրավ էր դառնում, երբ մշուշի հորիզոնական շերտը վերարկվի նման ծածկում էր այդ երկրի բոլոր ցածրադիր մասերը. սպիտակ գոլորշին ալեծուփ լցվելով կիրճերը՝ գեղեցիկ կերպով ներկայացնում էր խորշիկներ ու ծոցիկներ. իսկ այս ու այն կողմ մենավոր բլրակները դուրս ցցվելով՝ ցույց էին տալիս, որ առաջ նրանք նույն տեղերում կղզյակներ են եղել։ Այս հարթ հովիտների և ավազանների կոնտրաստն անկանոն լեռների հետ տեսարանին այնպիսի բնույթ էին տվել, որ ինձ համար նոր էր և շատ հետաքրքրական։

Այս հարթավայրերն իրենց բնական թեքություններից, որոնք ուղղված են դեպի ծովը, շատ հեշտությամբ են ոռոգվում, հետևաբար և զարմանալիորեն արգավանդ են։ Առանց ոռոգման հազիվ թե այս երկիրն արտադրեր որևէ բան, որովհետև ամբողջ ամառը երկինքն անամպ է։ Լեռները և բլուրները կիտկիտած են մացառներով և ցածր ծառերով, և բացի սրանցից՝ բուսականությունը չափազանց աղքատ է։ Յուրաքանչյուր հողատեր հովիտներում ունի մի որոշ հողամաս մի բլրի կողքին, որտեղ նրա բավականին մեծ թվով կիսավայրենի խոշոր եղջերավոր անասունները կարողանում են գտնել բավարար քանակությամբ կեր։ Յուրաքանչյուր տարի մի անգամ լինում է մեծ „rodeo”, երբ բոլոր անասունները քշում են ներքև, հաշվում և դրոշմում, իսկ մի փոքր մասն էլ անջատում են ոռոգվող դաշտերում իրացնելու համար։ Այստեղ առավելապես մշակում են ցորեն, և մեծ չափով եգիպտացորեն. հասարակ աշխատավորների գլխավոր սնունդը կազմում է մի տեսակ ընդեղեն բույս։ Մրգի այգիները տալիս են մեծ առատությամբ դեղձ, թուզ, խաղող։ Չնայած այս բոլորին՝ այս երկրի բնակիչները պետք է շատ ավելի լավ վիճակում գտնվեին, քան այժմ։

Օգոստոսի 16.— Հասիենդայի կառավարիչն այնքան բարի գտնվեց, որ ինծ մի ուղեկցող և թարմ ձիեր տվեց, և առավոտյան սկսեցինք բարձրանալ Կամպանան կամ Զանգակասարը, որն ունի 6400 ոտնաչափ բարձրություն։ Ճանապարհները շատ վատ էին, բայց և՛ երկրաբանությունը, և՛ տեսարանն ամբողջապես հատուցում էին մեր կրած նեղությունները։ Երեկոյան հասանք մի աղբյուր, որը կոչվում է Ագուա դել Գուանակո (գուանակոյի աղբյուր) և գտնվում է մեծ բարձրության վրա։ Այս անունը պետք է որ շատ հին լինի, որովհետև շատ տարիներ են անցել այն օրից, երբ գուանակոն վերջին անգամ այնտեղից ջուր է խմել։ Վերելքի ժամանակ ես նկատեցի, որ հյուսիսային փեշերին, բացի մացառներից, ոչինչ չկար, մինչ հարավային փեշերին աճում էր բամբուկ մոտ տասնհինգ ոտնաչափ բարձրությամբ։ Մի քանի տեղ նկատվեցին նաև արմավի ծառեր, և ես շատ էի զարմացել՝ տեսնելով այս ծառերից մեկն առնվազն 4500 ոտնաչափ բարձրության վրա։ Այս արմավենիները, համեմատած իրենց ընտանիքի այլ ծառերի հետ, շատ տգեղ են։ Նրանց բունը շատ մեծ է և շատ հետաքրքրական ձևի՝ հիմքում և վերևում բարակ լինելով, իսկ մեջտեղում՝ հաստ։ Սրանք չափազանց առատ են Չիլիի որոշ մասերում, և շնորհիվ մի քաղցր հյութի, որ ստանում են նրանից, մեծ արժեք ունեն։ Պետորկայի մոտ մի կալվածում վարձել են նրանց հաշվել, բայց մի քանի հարյուր հազար հատ հաշվելուց հետո դադարեցրել են հաշվելը։ Յուրաքանչյուր տարի վաղ գարնանը, օգոստոսին, այս ծառերից կտրում են ֊մեծ քանակություններով, և երբ բունն ընկնում է գետին, սաղարթը կտրում են։ Այնուհետև հյութն անմիջապես սկսում է հոսել վերին ծայրից, և մի քանի ամիս շարունակում է այդ պրոցեսը. անհրաժեշտ է ամեն առավոտ հոսող ծայրից մի շատ բարակ շերտ կտրել հեռացնել՝ նոր մակերես բանալու համար։ Մի լավ ծառ կարող է տալ իննսուն գալոն,[154] և այս բոլորը պետք է որ տեղավորված լինի ըստ երևույթին չոր բնի անոթներում։ Ասում են, որ հյութը շատ ավելի արագ է հոսում այն օրերին, երբ արևն ուժեղ է. նմանապես պետք է բացարձակապես զգուշ լինել, որ ծառը կտրելիս բլրի կողին գլուխը դեպի վեր ուղղվի, որովհետև եթե ընկնի բլրից ներքև, հազիվ թե հյութ դուրս հոսի, չնայած որ առաջին հայացքից այնպես է թվում, որ ձգողական ուժի շնորհիվ այդ գործունեությունը ոչ թե արգելակվում է, այլ արագանում։ Այս հյութը խտացնում են եռացնելով և այնուհետև նա կոչվում է սիրոպ (շարբաթ), որին շատ նմանվում է իր համով։

Աղբյուրի մոտ իջեցրինք ձիերի թամբերը և պատրաստվեցինք գիշերելու։ Երեկոն գեղեցիկ էր, և մթնոլորտն այնքան մաքուր, որ Վալպարայսոյի նավահանգստում խարիսխ գցած նավերի կայմերը, որոնք թեև ավելի քան քսանվեց աշխարհագրական մղոն հեռու էին մեզնից, պարզ նկատվում էին որպես փոքրիկ սև գծեր։ Մի նավ պտույտ գործելով հրվանդանի շուրջը՝ երևում էր ինչպես մի պայծառ սպիտակ բիծ։

Անսոնն իր «Ճանապարհորդություն» գրքի մեջ զարմանք է արտահայտում այն հեռավորության համար, որտեղից (ափից) նկատում են իր նավերը. բայց նա հաշվի չի առնում ոչ ցամաքի բարձրությունը և ոչ էլ օդի մեծ թափանցիկությունը։

Արևի մայրամուտն սքանչելի էր. հովիտներն արդեն մթնել էին, մինչ Անդերի ձյունապատ գագաթները դեռ պահել էին կարմրագույն շողերը։ Երբ բոլորովին մթնեց, մի խարույկ պատրաստեցինք բամբուկների մի փոքր անտառի ծառերի տակ և սկսեցինք տապակել մեր չարկին (տավարի չորացրած միս), մաթե խմեցինք և մեզ կատարելապես հանգիստ էինք զգում, Այսպես բաց օդում ապրելն ունի անարտահայտելի հմայք։ Երեկոն խաղաղ էր և պարզ. երբեմն լսվում էր լեռնային վիսկաշայի գիլ ձայնը և այծագիացի (թռչուն) թույլ ճիչերը։ Բացի սրանցից այս չոր, խանձված լեռներն են հաճախում նաև մի քանի այլ թռչուններ կամ մինչև անգամ միջատներ։

Օգոստոսի 17.— Առավոտյան մագլցեցինք կանաչ քարի խորտուբորտ զանգվածն ի վեր, որը պսակում է գագաթը։ Այս ժայռը, ինչպես հաճախակի է պատահում, շատ էր փշրվել և վերածվել էր անկյունավոր մեծ բեկորների։ Սակայն ես նկատեցի մի շատ նշանավոր հանգամանք, այն է՝ այդ բեկորների մակերեսներից շատերը բոլորովին նոր էին, մի քանիսը կարծեք թե մի օր առաջ էին կոտրտվել, իսկ մի քանիսի վրա էլ քարաքոսը կամ նոր էր աճել կամ վաղուց արդեն կպած էր։ Ես ամբողջովին հավատացած էի, որ այս հաճախակի կրկնվող երկրաշարժի հետևանք է, և շտապում էի հեռանալ ներքևի յուրաքանչյուր թույլ կույտից։ Ինչպես յուրաքանչյուր ոք կարող էր հեշտությամբ խաբվել նման մի փաստից, ես նույնպես երկար ժամանակ հավատացած էի, որ այդ երկրաշարժի արդյունք է, մինչև որ բարձրացա Վելինգտոն սարը, Վանդիմենի երկրում, որտեղ երկրաշարժ բոլորովին չի պատահում, և տեսա, որ լեռան կատարը նույն կազմությունն ունի, նույն ջարդվածքն ունեցող քարեր, բայց այդ քարե բոլոր բեկորներն այնպես էին երևում, որ կարծեք թե նրանք իրենց այժմյան դիրքում էին եղել նաև հազարավոր տարիներ առաջ։

Օրն անցկացրինք գագաթին, և ամբողջ օրն ինձ համար վայելքի օր էր։ Չիլին երևում էր մի կողմից Անդերով շրջապատված, մյուս կողմից Խաղաղ օվկիանոսով, ինչպես այս տեսնում ենք քարտեզում։ Այդ գեղեցիկ տեսարանից ստացված հաճույքն, ինքնին գեղեցիկ, ավելի բարձրանում էր այն բազմաթիվ խորհրդածություններից, որոնք առաջանում էին Կամպանա լեռնաշղթային, իր երկրորդական զուգահեռ շղթաներով միասին, և սրանց անմիջականորեն հատող Քիլստա հովտին սոսկ նայելով։ Ո՞վ կարող է չզարմանալ այն մեծ ուժի վրա, որ բարձրացրել է այս լեռները, ինչպես և այն անհամար տարիների վրա, որոնք անհրաժեշտ են եղել այդ լեռները ճեղքելու, տեղափոխելու և ամբողջ զանգվածներով հավասարեցնելու համար։ Բավական է հիշել Պատագոնիայի հարթավայրերի վրա փռված խճերը և ռեդիմենտային շերտերը, որոնք տարվել են Կորդիլյերներից և որոնք եթե նորից կուտակվեն նրանց վրա, լեռնաշղթայի բարձրությունը մի քանի հազար ոտնաչափ Կավելանա։ Պատագոնիայում եղած ժամանակ ես շատ էի զարմանում, թե ի՜նչպես մի լեռնաշղթա կարող էր այդքան շատ մասսա դուրս տալ առանց ամբողջապես անհետանալու։ Բայց այստեղ հրաշքն այլ կերպ է երևում, հարկ է լինում կասկածել մի բանում, թե արդյոք ամենակարող ժամանակը կարո՞ղ է ջարդել, մանրել և խճե ու տղմի վերածել այնպիաի գիգանտ լեռներ, ինչպես Կորդիլյերներն են։

Անդերի տեսքն այն չէր, ինչ ես սպասում էի։ Ձյան սահմանի ներքին գիծն, իհարկե, հորիզոնական էր, և այս գծի նկատմամբ լեռնաշղթայի հարթ գագաթները կարծեք թե կատարյալ զուգահեռ էին։ Միայն երբեմն իրարից բավականին հեռու մի խnւմբ սրածայր գագաթներ կամ մի առանձին կոն ցույց էին տալիս, թե ո՛րտեղ է հրաբուխ գոյություն ունեցել կամ այժմ գոյություն ունի։ Այսպիսով շղթան նմանվում էր մի մեծ հաստատուն պատի՝ այս ու այն կողմից շրջապատված աշտարակներով, կազմելով շրջանի համար մի կատարյալ պատվար։

Բլրի գրեթե բոլոր մասերը ծակել էին ոսկու հանք հայտնաբերելու հույսով. հանքագործության այն մեծ հետաքրքրությունը, որ գոյություն ունի Չիլիում, հազիվ թե ամբողջ երկրում թողած լինի չհետազոտված մի կետ։ Երեկոն այլ օրերի նման ես անցկացրի կրակի շուրջն իմ երկու ուղեկիցների հետ խոսելով։ Չիլիի գուասոները, որոնք համապատասխանում են պամպասների գաուչոներին, բոլորովին տարբեր տիպի մարդիկ են։ Այս երկու երկրներից Չիլին համեմատաբար ավելի քաղաքակրթված է, քան պամպասները, հետևաբար և նրա բնակիչները կորցրել են շատ անհատական հատկանիշներ։ Այստեղ շերտավորումները բնակչության մեջ շատ ավելի նշանակալից են. գուասոն ոչ մի դեպքում բոլոր մարդկանց իրեն հավասար չի համարում. և ես շատ էի զարմացել, երբ իմ ուղեկիցները միաժամանակ չէին ուզում ուտել ինձ հետ միասին։ Անհավասարության այս զգացմունքը մի անհրաժեշտ հետևանք է երկրում գոյություն ունեցող հարուստ արիստոկրատիայի։ Ասում են, որ մեծ կալվածատերերից մի քանիսը խոշոր եղջերավոր անասուններից տարեկան հնգից տաս հազար ֆունտ ստերլինգի եկամուտ են ստանում,— մի անհավասարություն, որ, իմ կարծիքով, չի պատահում մեզ Անդերից արևելք գտնվող անասնապահական և ոչ մի երկրում։ Ճանապարհորդն այստեղ չի պատահում այն անսահման հյուրասիրություն, որը մերժում է բոլոր վճարումները, բայց այնուամենայնիվ, այդ հյուրասիրությունն առաջարկվում է այնպիսի պատրաստակամությամբ և այնպես սիրալիր, որ բոլորովին անհարմար է նրանց օգտագործելը։ Չիլիում գրեթե յուրաքանչյուր տուն պատրաստ է ընդունել քեզ գիշերելու համար, բայց առավոտյան սպասում են մի փոքր վարձատրության. մինչև անգամ հարուստը պատրաստ է երկու կամ երեք շիլինգ ընդունելու։ Գաուչոն, թեև որոշ պարագաներում կարող է կտրել մարդու վիզը, բայց ջենտլմեն է. գուասոն շատ քիչ կողմերով է նրանցից լավ, բայց միաժամանակ նա վուլգար է (ռամիկ), սովորական մարդ։ Այս երկու մարդիկ, թեև շատ բաներում գործում են միևնույն եղանակով, բայց սովորություններով և տարազով տարբեր են և յուրաքանչյուրի առանձնահատկությունները համատարած են իր երկրի, բնակչության մեջ։ Գաուչոն կարծեք թե իր ձիու մի մասն է և նրանից անբաժան է և ոչինչ չի անում առանց ձի հեծնելու. ընդհակառակը, գուասոյին կարելի է վարձել դաշտում աշխատելու համար։ Առաջինն ամբողջովին ապրում է կենդանական սնունդով, մինչ վերջինս՝ գրեթե բացառապես բուսական սնունդով։ Այստեղ մենք չենք տեսնում սպիտակ երկարավիզ կոշիկները, լայն շալվարները և ծիրանագույն չիլիփաները — պամպասների գեղատեսիլ կոստյումը։ Այստեղ հասարակ շալվարները պաշտպանվում են սև ու կանաչ մանած գամաշներով. Բայց պոնչոն[155] ընդհանուր է երկուսի համար էլ։ Գուասոյի գլխավոր պարծանքն իր խթաններն են, որոնք արտառոց մեծության են հասնում։ Ես չափեցի մեկը, որի անիվը տրամագծում վեց մատնաչափ էր, իսկ անիվն ուներ ավելի քան երեսուն ատամ։ Ասպանդակները լինում են միևնույն չափի, յուրաքանչյուրը ներկայացնելով քանդակված փայտյա սնամեջ քառակուսի, որը, սակայն, կշռում է երեք կամ չորս ֆունտ։ Գուասոն գուցե ավելի լավ մասնագետ է լասոյին, քան գաուչոն, բայց երկրի բնույթի շնորհիվ բոլայի գործածությանը նա բոլորովին ծանոթ չէ։

Օգոստոսի 18.— Իջանք սարից և անցանք առվակներով և շքեղ ծառերով զարդարված մի քանի գեղեցիկ փոքր տարածություններ։ Քնելով միևնույն ագարակում, ինչպես առաջ, հաջորդ երկու օրերը բարձրացանք հովտով դեպի վեր և անցանք Քիլոտայի միջով, որն ավելի շատ նման է մանկական պարտեզների կոլեկցիայի, քան քաղաքի։ Պտղատու այգիները գեղեցիկ էին, նրանք ներկայացնում էին դեղձի ծաղիկների մի ընդհանուր զանգված։ Մի կամ երկու տեղ ես տեսա նաև արմավենիներ. սրանք ամենավեհաշուք ծառերն են. ո՜րքան գեղեցիկ պետք է լինեն սրանք խմբերով, իրենց մայր երկրի ասիական կամ աֆրիկյան անապատներում։ Մենք անցանք նաև Սան Ֆելիպեի միջով,— մի գեղեցիկ ցրված քաղաքի նման Քիլոսային։ Այս մասում հովիտը լայնանում է և վերածվում ընդարձակ ծոցերից կամ դաշտերից մեկի, տարածվելով մինչև Անդերի ստորոտը, որոնք, ինչպես վերը հիշատակված է, կազմում են Չիլիի ընդհանուր տեսարանի մի հետաքրքրական մասը։ Երեկոյան հասանք Ջաջուելի հանքերը, որոնք գտնվում են մեծ շղթայի լանջի վրա մի ձորում։ Այստեղ ես մնացի հինգ օր, Իմ հյուրընկալը, հանքի վերակացուն, մի վարպետ, բայց ավելի շատ տգետ կոռնվալցի հանքազործ էր։ Նա ամուսնացել էր մի սպանացի կնոջ հետ և ոչ մի մտադրություն չուներ վերադառնալ Անգլիա։ Այնուամենայնիվ նրա հիացմունքը Կոռնվալի հանքերով՝ մնում էր անսահման։ Բազմաթիվ հարցերի հետ նա հարցնում էր ինձ նաև, թե «հիմա Ջորջ Ռեքսը մեռել է, Ռեքսի ընտանիքից քանի՞ հոգի են դեռ ապրում»։ Այս Ռեքսը հավանորեն մեծ հեղինակ Ֆինիսի[156] բարեկաթներից մեկը պետք է լինի, որը գրել է բոլոր գոյություն ունեցող գրքերը։

Այս հանքերը բոլորն էլ պղնձի հանքեր են, և հանածոն ամբողջությամբ նավերով ուղարկում են Սուենսի՝ հալելու համար։ Այս պատճառով էլ հանքերն ունևն եզակիորեն խաղաղ կերպարանք և նման են Անգլիայի հանքերին. այստեղ ոչ ծուխը, ոչ հնոցները և ոչ էլ մեծ շոգեմեքենաները չեն խանգարում շրջապատի լեռների մենությունը։

Չիլիական կառավարությունը, կամ ավելի շուտ՝ սպանական հին օրենքը, ամեն կերպ քաջալերում է հանքերի որոնումները։ Հայտնաբերողը կարող է շահագործել հանքը կամ որևէ գետին միայն հինգ շիլինգ վճարելով, և նախքան այս գումարը վճարելը նա կարող է քսան օր հետազոտել վայրը. այդ թույլատրվում է մինչև անգամ մի ուրիշի պարտեզում։

Այժմ ամենքին հայտնի է, որ հանքագործության չիլիական եղանակը մենաէժանն է։ Իմ հյուրընկալն ասում էր, որ այն երկու գլխավոր կատարելագործումները, որ ներմուծել են այստեղ օտարականները. հետևյալն են. առաջին, պիրիդներից ծծումբը հեռացնելը, որը կատարվում է նախապես խորովելով պղնձի պիրիդները։ Այս պիրիդը Կոռնվալում սովորական հանք է, և անգլիացի հանքագործները զարմացել էին, երբ Չիլի գալիս գտել էին այս հանքերը մի կողմ գցած՝ որպես անպետք նյութեր։ Երկրորդ՝ հին հնոցներից դուրս բերած խարամը փշրելն ու լվալը — մի պրոցես, որով կարելի է առատ քանակությամբ մետաղի մասնիկներ վերստանալ։ Ես տեսել եմ ջորիներ՝ այս խարամով բեռնված, որ տանում էին ծովափ՝ Անգլիա ուղարկելու համար։ Հետաքրքրականն առաջին դեպքն է։ Չիլիեցի հանքագործներն այնպես խորը հավատացած էին, որ պղինձ պիրիդի մեջ չկա և ո՛չ մի մասնիկ պղինձ, որ ծիծաղում էին անգլիացիների վրա նրանց անտեղյակության համար. իսկ անգլիացիներն էլ իրենց հերթին ծիծաղում էին նրանց վրա և նրանց հանքերի ամենահարուստ երակները գնում էին մի քանի դոլարով։ Շատ տարօրինակ է, որ մի երկրում, սրտեղ հանքագործությունն ստացել է այդպիսի մեծ ծավալ և այն էլ այդքան երկար տարիներ, այնպիսի մի պարզ պրոցես, ինչպես հանածոյի թեթև խորովումն է՝ նախքան հալելը ծծումբը հեռացնելու համար, երբեք չի հայտնաբերվել։ Մի քանի կատարելագործումներ ևս մտցված են պարզ մեքենաներից մի քանիսի մեջ. բայց մինչև անգամ այժմ հանքերից մի քանիսից ջուրը հեռացնում են մարդկանց միջոցով՝ ջուրը կաշվե պարկերի մեջ լցնելով։

Բանվորները շատ ծանր են աշխատում։ Նրանց շատ քիչ ժամանակ է տրվում ճաշելու համար, և ամառ-ձմեռ նրանք աշխատանքն սկսում են՝ երբ օրը լուսանում է, և վերջացնում՝ երբ մթնում է։ Ամսական նրանք ստանում են մեկ ֆունտ ստերլինգ, իսկ նրանց սնունդը տալիս է հանքատերը. այս սնունդը նախաճաշի համար կազմում է տասնվեց թուզ և երկու փոքրիկ հաց. կեսօրվա համար ստանում են խաշած լոբի, իսկ ընթրիքի համար՝ ծեծած ու բոված ցորենի հատիկ։ Հազիվ թե նրանք երբևիցե միս ճաշակեն, որովհետև տարեկան տասներկու ֆանտ ստերլինգով թե իրենց համար հագուստ են առնելու և թե ընտանիք են պահելու։ Անմիջականորեն հանքում աշխատող հանքագործներն ամսական ստանում են քսանհինգ շիլինգ և ստանում են քիչ չարքի (չորացրած միս). բայց այս մարդիկ իրենց ցուրտ և դժգույն բնակավայրերից դուրս են գալիս երկու կամ երեք շաբաթը մեկ անգամ։

Իմ այստեղ մնալու ժամանակամիջոցում ես լրիվ հաճույք էի զգում այս վիթխարի լեռները բարձրանալով։ Երկրաբանությունը, ինչպես կարելի էր սպասել, չափազանց հետաքրքրական էր։ Ջարդոտված և թրծված ապառները, որոնք հատվում էին գրինշտեյնի (կանաչ քար) անհաշիվ դեյկերով (երակ), ցույց էին տալիս, թե մի ժամանակ մեծ հուզումներ են տեղի ունեցել այստեղ։ Տեսարանը մեծ մասամբ հիշեցնում էր Քիլոտայի Զանգակալեռան շրջակայքի տեսարանը — միևնույն չոր լերկ լեռները, տեղ-տեղ պիսակավորված սակավատերև մացառներով։ Կակտուսները, կամ ավելի ճիշտ՝ օպունցիները (opuntias), այստեղ չափազանց առատ են։ Ես չափեցի սֆերիկ ձև ունեցող մի կակտուս, որը փշերի հետ միասին ուներ վեց ոտնաչափ և չորս մատնաչափ շրջապատ։ Հասարակ գլանաձև և ճյուղավորվող տեսակի բարձրությունը հասնում է տասներկուսից տասնհինգ ոտնաչափի, իսկ ճյուղերի շրջապատը (փշերի հետ միասին)՝ երեքից չուրս ոտնաչափի։

Վերջին երկու օրվա ընթացքում լեռների վրա առատ թափվող ձյունը չէր թողնում, որ ես միքանի հետաքրքրական էքսկուրսիաներ կատարեմ։ Ես փորձեցի հասնել մի լճի. բնակիչներն անհասկանալի պատճառաբանությամբ հավատացած էին, թե այդ լիճը ծովի մի ճյուղն է։ Մի շատ չորային եղանակի ժամանակ առաջարկ է լինում փորձել այնտեղից մի առու բաց անել ջուր ստանալու համար, բայց քահանան մի խորհրդակցությունից հետո հայտարարում է, որ այդ չափազանց վտանգավոր ձեռնարկություն է, որովհետև եթե լիճը միացած է Խաղաղ օվկիանոսին, ինչպես ենթադրում են առհասարակ, ամբողջ Տիլին կհեղեղվի։ Մենք բավականին բարձրացանք, բայց ձյունաբուքի բռնվելով չկարողացանք հասնել այս զարմանալի լճին և վերադարձի ժամանակ բավականին էլ նեղվեցինք։ Ես մտածում էի, թե մենք կկորցնենք մեր ձիերը, որովհետև ոչ մի միջոց չկար ենթադրելու, թև որչափ խորն են ձյունակույտերը, իսկ կենդանիները, որոնց մենք քաշում էինք, շարժվում էին միայն ցատկումներով։ Սև երկինքը ցույց էր տալիս, որ մի նոր ձյունաբուք էր պատրաստվում, և մեր ուրախությունը փոքր չէր, երբ կարողանում էինք փախչել նրանից։ Երբ հասանք սարի ստորոտը, փոթորիկն սկսվեց, և մենք բախտավոր էինք, որ այդ չսկսվեց երեք ժամ շուտ՝ ցերեկը։

Օգոստոսի 26.— Թողնելով Ջաջուելը՝ երկրորդ անգամ անցանք Սան Ֆելիպեի ավազանը։ Օրն իսկական չիլիական օր էր՝ շլացնելու աստիճան պայծառ, իսկ մթնոլորտը՝ բոլորովին պարզ։ Նոր եկած ձյան հաստ և միապաղաղ ծածկոցը հրաբխային Ակունգակուայի և գլխավոր շղթայի տեսարանը դարձնում էր վերին աստիճանի զմայլելի։ Այժմ մենք գտնվում էինք Չիլիի մայրաքաղաք Սանտ Յագոյի ճանապարհին։ Անցնելով Սերո դել Տալգուենը՝ գիշերեցինք մի փոքր ռանչոյում։ Մեր հյուրընկալը, խոսելով Չիլիի պետության մասին, շատ համեստ էր արտահայտվում, երբ հարկ էր լինում այն այլ երկրների հետ համեմատել. «Ոմանք տեսնում են երկու աչքերով, ոմանք էլ մեկ, բայց Չիլին, իմ կարծիքով, չի տեսնում և ոչ մի աչքով»։

Օգոստոսի 27.— Բազմաթիվ ցածր բլուրներ անցնելուց հետո իջանք Գուիտրոնի փակ փոքր հարթավայրը։ Այս ավազանի նման ավազաններում, որոնք ծովից բարձր են լինում հազարից երկու հազար ոտնաչափ, մեծ քանակությամբ աճում են ակացիաների երկու տեսակ, որոնք թերաճած տեսք ունեն և իրարից շատ հեռու են լինում։ Այս ծառերը երբեք ծովափին մոտիկ չեն լինում, և այդ հանգամանքն այս ավազանների տեսարաններին մի այլ հատկանշական տեսք է տալիս։ Մենք անցանք մի ցածր լեռնաշարքի մոտով, որը բաժանում է Գուիտրոնն այն մեծ հարթավայրից, որի վրա տեղավորված է Սանտ Յագոն։ Այստեղ տեսարանը գերազանցապես տպավորիչ է. մի կողմից տարածվում է միօրինակ հարթ մակերեսը՝ որոշ մասերում ակացիայի թփուտներով ծածկված, իսկ մյուս կողմից՝ հեռվում քաղաքը, որը հորիզոնական ձևով վերջանում է Անդերի ստորոտում, որի ձյունապատ գագաթները փայլում էին երեկոյան արևի տակ։ Առաջին հայացքից բոլորովին ակներև է դառնում այն, որ այս հարթավայրը հանդիսանում է գոյություն ունեցող մի ծովի հատակ։ Հենց որ հարթ տարածության հասանք, սկսեցինք քառատրոփ վազեցնել մեր ձիերը և քաղաք հասանք նախքան մթնելը։

Սանտ Յագոյում մեկ շաբաթ մնացի և ժամանակը շատ հաճելի անցկացրի։ Առավոտյան ձիով զբոսնում էի հարթավայրի զանազան կողմերում, իսկ երեկոյան ընթրում էի մի քանի անգլիացի առևտրականների հետ, որոնց հյուրասիրությունն այստեղ բոլորին հայտնի է։

Քաղաքի մեջտեղում ցցված էր ժայռերի մի փոքրիկ բլրակ (Սանտա Լուսիա), որը բարձրանալը հաճույքի անհատնում աղբյուր էր։ Իսկապես այդ վայրի տեսարանը շատ ուշագրավ է և յուրահատուկ, ինչպես ասել եմ մի անգամ։ Ինձ ասել են, որ այս նույն տեսարանն ընդհանուր է նաև մեքսիկական մեծ պլատֆորմի քաղաքների համար։ Քաղաքի մասին մանրամասնություններ չունեմ ասելու։ Այս այնքան գեղեցիկ և այնքան մեծ չէ, ինչպես Բուենոս Այրեսը, բայց շինված է ըստ նրա պլանի։ Այստեղ ես ժամանել էի դեպի հյուսիս մի շրջան կատարելուց հետո, ուստի որոշեցի Վալպաբայսո վերադառնալ՝ ուղղակի ճանապարհից հարավ քիչ ավելի երկար էքսկուրսիա կատարելով։

Սեպտեմբերի 5.— Օրվա կեսին հասանք կախյալ կամուրջներից մեկին, որը պատրաստված էր կաշուց և ձգված էր Մայպուի՝ մի մեծ պղտոր գետի վրայով, Սանտ Յագոյից մի քանի փարսախ հարավ։ Այս կամուրջները չափազանց ողորմելի գործեր են։ Կախյալ պարանների կորությանը հետևող ուղին շինված է ձողերից, որոնք խրձերով շարված են կողք-կողքի՝ բազմաթիվ ծակեր ուներ և սոսկալի ճոճվում էր, եթե նույնիսկ վրայով մի մարդ անցներ իր ձիով։ Երեկոյան հասանք մի շատ լավ ագարակատուն, որտեղ կային մի քանի շատ գեղեցիկ սենյորիաներ։ Նրանք շատ զարհուրել էինք երբ ես մտել էի նրանց եկեղեցիներից մեկը սոսկ հետաքրքրությունից դրդված։ Նրանք հարցնում էին ինձ. «Ինչո՞ւ քրիստոնյա չես դառնում. չէ՞ որ մեր կրոնը ճշմարիտ կրոն է»։ Ես նրանց հավատացնում էի, որ ես էլ մի տեսակ քրիստոնյա էի, բայց նրանք այդ մասին չէին ուզում լսել մեջ բերելով իմ սեփական խոսքերը. «Ձեր քահանաները, ձեր եպիսկոպոսները չե՞ն ամուսնանում»։ Նրանց հատկապես զարմացնում էր եպիսկոպոսի՝ կին ունենալու անհեթեթությունը։ Դժվար թե նրանք իմանային, թե այդպիսի այլանդակության դեպքում պետք է ուրախանա՞լ թե սարսափել։

Սեպտեմբերի 6.— Մենք շարժվեցինք ուղիղ դեպի հարավ և քնեցինք Ռանկագույում։ Ճանապարհն անցնում էր մի հարթ, բայց նեղ հարթավայրի վրայով, որի մի կողմից բարձրանում էին բարձր բլուրները, իսկ մյուս կողմից՝ Կորդիլյերները։ Հաջորդ օրը դարձանք Ռիո Կաչապուալ գետի հովիտը՝ բարձրանալով դեպի վեր։ Այս հովտում են գտնվում Կաուքենեսի տաք աղբյուրները, որոնք վաղուց հայտնի են իրենց բուժող հատկությամբ։ Կախյալ կամուրջներն այն մասերում, որտեղ անցուդարձ քիչ է լինում, սովորաբար վերցնում են ձմեռը, երբ ջուրը սակավանում է։ Այս հովտում էլ վերցրել էին, և մենք ստիպված էինք գետակն անցնել ձիերով։ Այս այնքան էլ ցանկալի քան չէ, որովհետև փրփրած ջուրը, թեև ոչ խորը, այնպես արագ է խուժում մեծ և կլորացրած քարերի վրայով, որ մարդ իր գլուխը կորցնում է, և դժվար է լինում մինչև անգամ նկատել, թե ձին կանգնած է, թե շարժվում է։ Ամառը, երբ ձյունը հալչում է, հեղեղները բոլորովին անանցանելի են դառնում. այդ ժամանակ նրանց ուժը և կատաղությունը չափազանց մեծ է լինում, ինչպես այգ կարելի էր պարզ նկատել նրանց թողած հետքերից։ Տաք աղբյուրները հասանք երեկոյան և այնտեղ մնացինք հինգ օր. վերջին երկու օրը բանտարկված էինք ծանր անձրևի պատճառով։ Շենքերը ներկայացնում են քառակուսի ողորմելի խրճիթներ՝ յուրաքանֆյուրը մի նստարանով և մի սեղանով։ Նրանք տեղավորված են մի նեղ խորը հովտում, ճիշտ Կորդիլյերներից դուրս։ Այս մի խաղաղ, մենավոր վայր է՝ հարուստ վայրի գեղեցկություններով։

Կաուքենեսի հանքային աղբյուրները բխում են դիսլոկացիոն մի գծից, որը հատում է շերտավոր ապառների մի զանգվածք որն ամբողջությամբ ցույց է տալիս ջերմության ազդեցությունը։ Ջրի հետ միևնույն անցքերից շարունակ զգալի քանակությամբ գազ է դուրս գալիս։ Թեև այս աղբյուրները միայն մի քանի յարդ են իրարից հեռու, սակայն խիստ տարբեր ջերմաստիճաններ ունեն, և այս, ըստ երևույթին, արդյունք է սառը ջրի անհավասար խառնուրդի, որովհետև ամենացածր ջերմաստիճան ունեցողները հազիվ թե որևէ հանքային համ ունենան։ 1822 թվի մեծ երկրաշարժից հետո աղբյուրները դադարու.մ են բխելուց, և այդ շարունակվում է մոտ մի տարի։ Այս աղբյուրների վրա մեծ չափով ազդել է 1835 թվի երկրաշարժը. ջերմաստիճանը 118°-ից հանկարծակի իջնում է 92°-ի։[157] Հավանական է թվում այն, որ երկրի խորն ընդերքներից դուրս եկող հանքային ջրերն ավելի շատ են ենթակա ստորերկրյա ցնցումներից առաջացող խանգարումների, քան մակերեսին մոտիկ ջրերը։ Այն մարդը, որը հսկում էր տաք աղբյուրներին, ինձ հավատացնում էր, որ ամառը ջուրն ավելի տաք է լինում և ավելի առատ, քան աշնանը։ Առաջին հանգամանքը ես կվերագրեի չոր եղանակին սառը ջուր համեմատաբար քիչ խառնվելուն, բայց այս վերջին հայտարարությունը շատ տարօրինակ և հակասական է թվում։ Ջրի պարբերական ավելացումն ամառը, երբ երբեք անձրև չի գալիս, իմ կարծիքով, կարելի է վերագրել ձյան հալչելուն. բայց պետք է ասել և այն, որ այդ եղանակին ձյունապատ լեռներն աղբյուրներից երեք կամ չորս մղոն հեռու են։ Ես ոչ մի պատճառ չունեմ կասկածելու իմ տեղեկատվի ճշտության վրա, որն այդ վայրում մի քանի տարի ապրելով՝ պետք է լավ ծանոթ լինի հանգամանքներին, իսկ եթե ճիշտ է, ապա այդ իսկապես շատ հետաքրքրական երևույթ է, որովհետև այդ դեպքում մենք ստիպված ենք ենթադրելու, որ ձյան ջուրն իջնելով ծակոտկեն շերտերից մինչև ջերմության շրջանները նորից վեր՝ դեպի մակերեսն է բարձրանում Կաուքենեսում դիսլոկացիայի ենթարկված և ներարկված ապառների գծով, և երևույթի կանոնավորությունը կարծեք թե ցույց է տալիս, որ այս շրջանում տաք ապառները գտնվում են ոչ շատ մեծ խորության վրա։

Մի անգամ ձի հեծած՝ հովտով բարձրացա ամենահեռավոր բնակելի կետը։ Այդ կետից քիչ վերև Կաչապուալը բաժանվում է երկու խորը սոսկալի կիրճերի, որոնք ուղղակի թափանցում են մեծ լեռնաշղթայի մեջ։ Ես մագլցեցի սրագագաթ մի լեռ, որը հավանորեն ուներ ավելի քան վեց հազար ոտնաչափ բարձրություն։ Այստեղ, ինչպես և ամենուրեք, տեսարաններն ունեն վերին աստիճանի մեծ հետաքրքրություն։ Այդ կիրճերից մեկով էր, որ Պինչեյրան մտավ Չիլի և ավերեց մոտակա շրջանները։ Այս այն նույն մարդն է, որի հարձակումը Ռիո Նեգրոյում մի էստանսիայի վրա՝ ես նկարագրել եմ չորրորդ գլխում։ Այս մի ռենեգատ էր, կիսասպանական ծագումով, որն իր շուրջը հավաքելով հնդիկների մի մեծ խումբ՝ հաստատվել էր պամպասներում մի գետակի մոտ,— մի տեղ, որը նրան հետապնդելու համար ուղարկված ոչ մի խումբ չէր կարող հայտնաբերել։ Այս կետից նա սիստեմատիկաբար արշավում էր այս ու այն կողմ և անցնելով Կորդիլյերների մինչ այդ չփորձած անցքերը՝ ավերում էր ագարակատները և անասունները քշում իր գաղտնի մշտական որջը։ Պինչեյրան սքանչելի ձի հեծնող էր, և նրա բոլոր ընկերակիցներն էլ հավասարապես հնազանդվում էին նրան, որովհետև նա առանց այլևայլության գնդակահարում էր նրանք ով վարանում էր հետևել իրեն։ Այս մարդու և այլ թափառող հնդիկ ցեղերի դեմ էր, որ Ռոսասն սկսել էր բնաջնջող պատերազմը։

Սեպտեմբերի 13.— Դուրս գալով Կաուքենեսի տաք աղբյուրներից և նորից ընկնելով գլխավոր ճանապարհի վրա՝ գիշերն անցկացրինք Ռիո Կլարոյում։ Այստեղից մենք շարժվեցինք դեպի Սան Ֆերնանդո քաղաքը։ Վերջին փակ ավազանը, որին հանդիպեցինք քաղաքի ճանապարհին, դեռ քաղաք չհասած ընդարձակվել էր մի մեծ հարթավայրի, որը տարածվում էր հարավ և այնքան հեռու, որ հեռավոր Անդերի ձյունապատ գագաթներն այնպես էին երևում, կարծեք թե ծովի հորիզոնից են բարձրանում, Սան Ֆերնանդոն Սանտ Յագոյից քառասուն փարսախ հեռավորության վրա է գտնվում և այդ դեպի հարավ գտնվող իմ ամենավերջին կետն էր, որովհետև այստեղից մենք ուղիղ անկյունով վերադարձանք դեպի ծովափ։ Մենք քնեցինք Յաքուիլի ոսկեհանքերում, որ շահագործում է մր. Նիքսոնը, մի ամերիկացի ջենտլմեն, որին ես շատ պարտավորված մնացի նրա տանը չորս օր մնալով։ Հաջորդ առավոտյան այցելեցինք հանքերը, որոնք գտնվում են մի քանի փարսախ հեռավորության վրա, մի բարձր բլրի գագաթին մոտիկ։ Ճանապարհին մի թեթև ակնարկ գցեցինք Տագուատագուա լճի վրա, որը հռչակված է իր լողացող կղզիներով, որ նկարագրել է մր. Գեյը։[158] Այս կղզիները կազմված են զանազան մեռած բույսերի ցողուններից, իրար մեջ հյուսված, որոնց մակերեսին ապրում են այլ բույսեր։ Նրանց ձևն ընդհանրապես կլոր է, իսկ հաստությունը — չորսից վեց ոտնաչափ, որի մեծ մասը սուզված է ջրի մեջ։ Երբ քամին փչում է, կղզիներն անցնում են լճի մի կողմից մյուսը և հաճախ, իրենց հետ տանում են, որպես ուղևորներ, խոշոր եղջերավոր անասուններ և ձիեր։

Երբ հասանք հանքը, ինձ վրա խորը կերպով ազդեց աշխատողների մեծ մասի գունատ տեսքը, և ես մր. Նիքսոնին մի քանի բան հարցրի նրանց վիճակի մասին։ Հանքն ունի 450 ոտնաչափ խորություն, և յուրաքանչյուր մարդ այնտեղից դուրս է բերում մոտ 200 ֆունտ ծանրության քար, Այս բեռով նրանք պետք է բարձրանային գերանների վրա փորված փոսիկներով, որոնք ծառայում են որպես աստիճաններ և տեղավորված են զիգզագ ձևով մինչև հանքահորի խորքը։ Մինչև անգամ անմորուք, երիտասարդ մարդիկ, տասնութից քսան տարեկան, թույլ զարգացած մկաններով (նրանք հագնում են միայն մի վարտիք) գրեթե նույն խորությունից այս մեծ բեռով բարձրանում են այդ աստիճաններն ի վեր։ Ուժեղ մարդը, որն այսպիսի աշխատանքների չի վարժվել, քրտնքի մեջ կորչում է սոսկ իր մարմնի ծանրությունը փոխադրելով։ Այս վերին աստիճանի ծանր աշխատանքով հանդերձ նրանք ամբողջապես ապրում են խաշած լոբով ու հացով։ Նրանք կգերադասեին միայն հաց ուտել, բայց նրանց տերերը մտածելով, որ միայն հաց ուտելով այսպես ծանր աշխատել չեն կարող, նրանց հետ վարվում են ինչպես ձիերի հետ և ստիպում են նրանց լոբի ուտել։ Սրանց աշխատավարձը, Ջաջուելի հանքագործների աշխատավարձի հետ համեմատած, ավելի բարձր է՝ ամսական քսանչորսից քսանութ շիլինգ լինելով։ Սրանք հանքից հեռանում են երեք շաբաթը մի անգամ միայն, երբ մի երկու օր անցկացնում են իրենց ընտանիքի հետ։ Այս հանքի կանոններից մեկը շատ դաժան է հանքագործների համար, բայց շատ ձեռնտու՝ տիրոջ համար։ Ոսկի գողանալու միակ եղանակը ոսկեհանքի կտորները թաքցնելն է, որը հետո հարմար առիթ ունելիս տանում են դուրս։ Երբ մայոր. դոմոն (կառավարիչը) գտնում է այսպիսի թաքցրած կտորներ, նրա արժեքը պահում են բոլոր մարդկանց ռոճկից, որոնք, այսպիսով, մինչև բոլորը միասին չգործեն, ստիպված են հսկել իրար վրա, որ նման բան չպատահի։

Երբ հանածոն բերում են աղալու գործարանը, այնտեղ լավ մանրում են և վերածում անշոշափելի փոշու. լվանալու պրոցեսով հեռացնում են բոլոր թեթև մասնիկները, և վերջապես ամալգամացիայի միջոցով ստանում են ոսկու փոշին։ Լվանալու պրոցեսը նկարագրելիս շատ պարզ պրոցես է թվում, բայց շատ հետաքրքրական է տեսնել, թե ինչպես ջրի հոսանքի հարմարեցումը ոսկու տեսակարար կշռի հետ՝ հեշտությամբ բաժանում է փոշիացած գուղձը մետաղից։ Աղալու գործարանից այնտեղ անցնող տիղմը հավաքում են լճակների մեջ, որտեղ նա նստում է, և ժամանակ առ ժամանակ մաքրում են և կույտեր կազմում։ Ապա սկսվում է քիմիական ազդեցության մի շրջան. զանազան աղեր բյուրեղանում են մակերեսին, և զանգվածն ամրանում է։ Մեկ կամ երկու տարի մնալուց և նորից լվանալուց հետո նա նորից ոսկի է տալիս։ Այս պրոցեսը կարելի է կրկնել մինչև անգամ վեց-յոթ անգամ, բայց յուրաքանչյուր անգամ ոսկու քանակությունը նվազում է, իսկ մի լվանալուց մինչև մյուսն ընկնող անհրաժեշտ ժամանակամիջոցը (ոսկի ծնելու համար, ինչպես ասում են տեղացիները) երկարում է։ Կասկած չկա, որ քիմիական ազդեցությունը, որ ասացինք վերևում, յուրաքանչյուր անգամ նոր ոսկի է անջատում զանազան միացություններից։ Անկասկած ոսկու հանածոների օգուտը մի քանի անգամ կբարձրանար, եթե հայտնաբերվեր մի եղանակ՝ այս ազդեցությունը նախքան աղալն առաջացնելու համար։ Հետաքրքրական է տեսնել, թև ինչպես ոսկու մանր մասնիկները, որոնք ցրված են այս ու այն կողմ և չեն մաշվում է վերջիվերջո կուտակվում են և կազմում զգալի քանակություններ։ Վերջին ժամանակները մի քանի հանքագործ, պարապ լինելով, թույլտվություն են ստանում աղալու գործարանի և տան շրջապատի գետինը քերելու, հավաքված հողը լվանալով ձեռք են բերում երեսուն դոլար արժողությամբ ոսկի։ Այս մի ճշգրիտ պատճեն է այն բանի, որը տեղի է ունենում բնության մեջ։ Լեռները մաշվում, քայքայվում են, և նրանց հետ մաշվում են նաև նրանց պարունակած մետաղական երակները։ Ամենակարծր ապառը մաշվում դառնում է անշոշափելի տիղմ, սովորական մետաղներն օքսիդանում են և նույնպես հեռանում. բայց ոսկին, պլատինը և մի շարք այլ մետաղներ գրեթե բոլորովին չեն կորչում և իրենց ծանրության շնորհիվ սուզվում են ներքև, և մնում տակին։ Ամբողջ լեռներն այսպիսի աղացող գործարանի միջից անցնելուց և բնության ձեռքով լվացվելուց հետո մնացորդը մետաղաներ է դառնում, և մարդը հասկանալով նրա օգտակարությունը լրացնում է անջատման գործը։

Որչափ էլ դառը լինի հանքափորների վիճակը, այնուամենայնիվ նրանք այդ աշխատանքն ընդունում են ուրախությամբ, որովհետև գյուղատնտեսության մեջ աշխատողների դրությունն ավելի վատ է։ Նրանց աշխատավարձն ավելի ցածր է, և նրանք բացառապես լոբով են ապրում։ Այս աղքատությունը, կարծում եմ, գլխավորապես արդյունք է հողը մշակելու ֆեոդալանման սիստեմին. կալվածատերն աշխատավորին տալիս է մի փոքր մարկ հող՝ տուն շինելու և մշակելու համար, որի փոխարեն գյուղացին (կամ նրա փոխանորդը) պարտավորվում է իր ամբողջ կյանքի ընթացքում ամեն օր աշխատել կալվածատիրոջ համար առանց վարձի։ Մինչև հայրը, չունենա մի հասունացած որդի, որն իր աշխատանքով վարձը վճարի, նա չի կարող աշխատել իր մի կտոր հողի վրա, եթե չհաշվենք նրա պատահական ազատ օրերը։

Ահա թե ինչո՛ւ այս երկրի աշխատավոր դասակարգերի մեջ ծայրահեղ աղքատությունն է տիրապետում։

Այս շրջանում կան մի քանի հին հնդկական ավերակներ, և ինձ ցույց տվին մի ծակ քար, որից, ըստ Մոլինայի, մեծ քանակությամբ կա զանազան վայրերում։ Սրանք ունեն տափակ կլոր ձև, հնգից վեց մատնաչափ տրամագծով, որոնց ճիշտ կենտրոնից անցնում է մի անցք։ Ընդհանրապես այնպես են կարծում, որ այս քարերը գործածվել են որպես մահակի գլուխներ, թեև նրանց ձևը բոլորովին ցույց չի տալիս, թե սրանք հարմար են այդ նպատակի համար։ Բըրչելը[159] պատմում է, որ հարավային Աֆրիկայի մի քանի ցեղեր արմատները փորում հանում են սրածայր մի փայտով, որի ուժը և ծանրությունը մեծանում է մեջտեղը ծակ մի քարից, որն ամրացնում են փայտի մյուս ծայրին։ հավանորեն Չիլիի հնդիկներն առաջ գործածել են նման մի կոշտ գյուղատնտեսական գործիք։

Մի օր մեզ մոտ եկավ բնապատմության գերմանացի մի կոլեկտոր, որի անունն էր Ռենոուս. նրա հետևից գրեթե միևնույն ժամանակ եկավ նաև մի սպանածի ծեր փաստաբան։ Ինձ համար շատ հաճելի էր, երբ բացատրեցին նրանց միջև տեղի ունեցած զրույցը։ Ռենոուսն այնպես լավ է խոսում սպաներեն, որ ծերունի փաստաբանը նրան չիլիեցու տեղ ընդունեց։ Ռենոուսն ակնարկելով ինձ՝ հարցրեց նրան, թե ինքն ի՞նչ է մտածում Անգլիայի թագավորի մասին, որն այս երկիրն է ուղարկել մի կոլեկտոր՝ մողեսներ, բզեզներ հավաքելու, և քար ջարդելու համար։ Ծերունի ջենտլմենը մի պահ լուրջ մտածելուց հետո ավելացնում է. «Այդ լավ չէ — hay un gato encerrado aqui (այստեղ մի կատու կա թաղված)։ Ոչ ոք այնքան հարուստ չէ, որ մարդկանց ուղարկի այդպիսի անպետք բաներ հավաքելու համար։ Ես այդ բանը չեմ սիրում, եթե մեզնից մեկն ու մեկը գնար Անգլիա և այդպիսի գործով գբաղվեր, արդյոք Անգլիայի թագավորը մեզ իսկույն ևեթ երկրից դուրս չէ՞ր վռնդի»։ Եվ այս ծերունի ջենտլմենը, ըստ իր պրոֆեսիայի, պատկանում է համեմատաբար լավատեղյակ և ավելի ինտելիգենտ դասակարգերին։ Երկու-երեք տարի առաջ, Սան Ֆերնանդոյում ինքը Ռենոուսը մի տան մեջ թողնում է մի քանի թրթուր և հանձնարարում մի աղջկա՝ նրանց կերակրելու, որ թիթեռներ դառնան։ Այս բանը տարածվում է քաղաքում, և վերջիվերջո քահանաներն ու նահանգապետը խորհրդակցում են և համաձայնվում, որ այդ մի տեսակ հերետիկոսություն է, հետևաբար, երբ Ռենոուսը վերադառնում է, ձերբակալվում է։

Սեպտեմբերի 19.— Մենք թողինք Յակվիլը և շարժվեցինք հարթ հովտով, որը նման էր Քիլոտային, այն հովտին, որի միջից հոսում է Ռիո Տինդերիդիկան։ Մինչև անգամ այս մի քանի մղոն հեռավորության վրա, Սանտ Յագոյից հարավ, կլիման շատ ավելի խոնավ է, այդ պատճառով էլ այնտեղ կային արոտատեղի լավ տարածություններ, որ չէին ոռոգում։

Սեպտեմբերի 20.— Շարունակեցինք մեր ճանապարհն այս հովտով, մինչև նա վերածնվեց մի մեծ հարթավայրի, որը տարածվում է ծովից մինչև Ռանկագուայից արևմուտք գտնվող լեռները։ Շուտով անհետացան բոլոր ծառերը և մինչև անգամ մացառները, այնպես որ բնակիչներն այստեղ գրեթե նույնչափ մեծ կարիք ունեն վառելափայտի, որչափ պամպասերում։ Երբեք լսած չլինելով այս հարթավայրերի մասին՝ ես շատ էի զարմացել Չիլիում այդպիսի տեսարանների հանդիպելով։ Հարթավայրերը պատկանում են տարբեր բարձրությունների մեկից ավելի սերիայի, և նրանց կտրում անցնում են լայն, հարթ հատակով հովիտներ, երկու հանգամանքներն էլ, ինչպես Պատագոնիայում, խոսում են հետզհետե բարձրացող ցամաքի վրա ծովի կատարած ազդեցության մասին։ Զառիվայր գահավանդների կողերին, որոնք գտնվում են այս հովիտների եզրերին, կան մի քանի մեծ ֊քարանձավներ, որոնք անկասկած հին ժամանակներում առաջացել են ալիքներից։ Այս քարանձավներից մեկը հայտնի է Կուեվա դել Օրիսպո անունով. առաջ այդ սրբավայր է եղել։ Ցերեկը ես շատ վատ զգացի և այդ ժամանակից սկսած մինչև հոկտեմբերի վերջը չկազդուրվեցի։

Սեպտեմբերի 22.— Շարունակեցինք անցնել ծառազուրկ կանաչ հարթավայրերի վրայով։ Հաջորդ որը ժամանեցինք Նավեդադի մոտ ծովափին գտնվող մի տուն, որտեղ մի հարուստ կալվածատեր մեզ գիշերելու տեղ տվեց։ Հաջորդ երկու օրը ես մնացի այստեղ և թեև շատ անհանգիստ, բայց կարողացա հավաքել երրորդային ֆորմացիայից մի քանի ծովային խեցիներ։

Սեպտեմրերի 24.— Մեր ճանապարհն այժմ ուղղված էր դեպի Վալպարայսո, որտեղ մեծ դժվարություններով հասա ամսի 27-ին և փակվեցի անկողնումս մինչև հոկտեմբերի վերջը։ Այս ժամանակամիջոցում ես մր. Կորֆիլդի տան բնակիչն էի, որի արած բարությունը չգիտեմ թե ինչպես պետք է արտահայտել։

Այստեղ ես ավելացնելու եմ մի քանի դիտողություններ Չիլիի կենդանիների ու թռչունների մասին։ Պուման կամ Հարավային Ամերիկայի առյուծը հաճախ է պատահում։ Այս կենդանին ունի աշխարհագրական լայն տարածում. նրան կարելի է գտնել արևադարձային անտառներում, Պատագոնիայի անապատներում և հեռավոր հարավում՝ մինչև Հրո Երկրի սառը և խոնավ լայնությունները (53°-ից 54°)։ Ես նրա ոտնահետքերը տեսել եմ կենտրոնական Չիլիի Կորդիլյերներում, առնվազն 10000 ոտնաչափ բարձրության վրա։ Լա Պլատայում պուման գլխավորապես գիշատում է եղջերու, ջայլամ, վիսկաշտ և այլ մանր չորքոտանի կենդանիներ։ Այնտեղ նա հազվադեպ է հարձակվում խոշոր եղջերավոր անասունների կամ ձիերի վրա, իսկ մարդկանց վրա՝ ավելի քիչ։ Սակայն Չիլիում նա ոչնչացնում է բազմաթիվ փոքր ձիեր և անասուններ. այս բանը հավանորեն արդյունք է այլ չորքոտանիների սակավության։ Ես լսել եմ նաև, որ նա երկու մարդ և մեկ կին է սպանել։ Հաստատված է, որ պուման միշտ իր որսն սպանում է ուսերի վրա թռչելով, և ապա իր թաթերից մեկով գլուխը ետ է քաշում՝ մինչև կոտրում է ողնաշարը. Պատագոնիայում ես տեսել եմ գուանակոների կմախքներ, որոնց վիզն այսպես տեղահանված է եղել։

Կատարելապես հագենալուց հետո պուման մնացորդները ծածկում է բազմաթիվ մեծ թփուտներով և պառկում հսկում նրան։ Այս սովորությամբ նա հաճախ մատնում է իր թաքստյան տեղը, որովհետև կոնդորները պտույտներ գործելով օդում՝ երբեմն իջնում են ներքև խրախճանքին մասնակցելու համար, և երբ պուման բարկացած քշում է նրանց, բոլորը միասին թռչում են վերև։ Չիլիեցի գուասոն տեսնելով այդ՝ հասկանում է, որ այնտեղ մի առյուծ հսկում է իր որսին, ձայն են տալիս մեկը մյուսին, և մարդիկ շներով շտապում են որսի։ Սըր Ֆ. Հեդն ասում է, որ մի գաուչո պամպասներում սոսկ տեսնելով մի քանի կոնդոր օդում պտույտներ կատարելիս՝ գոչում է «առյո՜ւծ»։ Ես երբեք չեմ պատահել որևէ մարդու, որն ունենար նշաններով գուշակելու նման ընդունակություններ։ Հայտնի է նաև, որ եթե պուման մի անգամ մատնել է իր տեղը իր որսի մնացորդները պահելիս և հալածվել է մի անգամ, բոլորովին թողնում է այդ սովորությունը և կուշտ ուտելուց, հագենալուց հետո թողնում հեռանում է։ Շատ հեշտ բան է պումա սպանելը։ Բաց դաշտում նա խճճվում է բոլաներով, և ապա լասոները նետելով նրա վրա՝ բռնում և քաշում են գետնով, մինչև կատարելապես անզգայանում է։ Տանդիլում (Պլատայից հարավ) ինձ ասացին, որ երեք ամսում այս եղանակով ոչնչացրել են հարյուր պումա։ Չիլիում սովորաբար սրանց քշում են թփերի կամ ծառերի վրա և կամ գնդակով խփում են ներքևից կամ այնքան են նեղում շներով, որ նրանք սատկում են։ Այս նպատակի համար գործածվող շները պատկանում են մի առանձին ցեղի, որը կոչվում է լեոներո. սրանք թույլ, թեթև կենդանիներ են՝ երկարասրուն տերիերներին նման, բայց հատկապես այս որսորդության համար կարծեք թե նրանք ծնվում են մի առանձին բնազդով։ Ասում են, որ պուման շատ խորամանկ է. երբ նրան հալածում են, նա հաճախ վերադառնում է իր նախկին կածանը և թռչելով կողքի՝ սպասում է մինչև շները գան անցնեն։ Նա շատ լուռ կենդանի է, ոչ մի ձայն չի հանում, մինչև անգամ եթե վիրավորված է լինում, իսկ զուգավորման շրջանում շատ հազվադեպ է ձայն հանում։

Թռչուններից գուցե ամենահայտնիները Pteroptochos սեռի երկու տեսակներ են (megapodius և albicollis Kittlitz)։ Առաջինը, որին չիլիեցիներն անվանում են «տյուրկս» („el turco”), ունի կեռնեխի մեծություն, որին որոշ կողմերով հարակից է, բայց նրա սրունքները շատ ավելի երկար են, պոչը կարճ, իսկ կտուցն ավելի ուժեղ։ Նա ունի կարմրավուն-թուխ գույն, Տյուրկոն տարածված թռչուն է, նա ապրում է գետնի վրա և պատսպարվում է մացառների մեջ, որոնք ցրված են չոր և անբերրի բլուրների կողերին։ Նա հաճախ երևում է անսովոր արագությամբ մի մացառից մյուսն անցնելիս, պոչը կանգնեցրած, սրունքները՝ ցուպերի նման։ Իսկապես շատ քիչ երևակայություն է անհրաժեշտ ենթադրելու, որ այս թռչունն ամաչում է իրենից և հասկանում է իր կերպարանքի վերին աստիճանի ծիծաղելի լինելը։ Առաջին անգամ տեսնելիս մարդ ակամայից բացագանչում է, «Թանգարանից փախած, շատ վատ լցրած պատրաստած նմուշ է այս, որը նորից կյանքի է եկել»։ Առանց մեծ դժվարությունների հնարավոր չէ ստիպել նրան թռչելու, և ոչ էլ նա վազում է, այլ միայն ոստոստում է։ Այն տարբեր և բարձր ձայները, որ նա հանում է, երբ փակված է լինում մացառներում, նույնչափ արտառոց են, որչափ իր արտաքին տեսքը։ Ասում են, որ նա իր բունը շինում է գետնի տակ գտնվող մի խորը ծակի մեջ։ Ես անդամահատել եմ մի քանի նմուշներ։ Քարճիկը, որը վերին աստիճանի մկանոտ էր, պարունակում էր բզեզներ, բուսական թելեր և մանր քարեր։ Նկատի ունենալով այս հատկությունը, սրունքների, երկարությունը, փորող ոտքերը, ռունգների մեմբրանային ծածկոցը, կարճ և կամարաձև թևերը՝ այս թռչունը որոշ չափով կարծեք թե տորդիկները միացնում է հավերի կարգի հետ։

Երկրորդ տեսակը (կամ P. albicollis) առաջինի նման է իր ընդհանուր ձևով։ Սա կոչվում է տապակոլո կամ «ծածկիր հետևդ», և այդ անամոթ փոքրիկ թռչունն արժանի է իր կոչմանը, որովհետև նա իր պոչը պահում է ավելի քան ուղղաձիգ, այսինքն հակված ետ՝ դեպի իր գլուխը։ Այս շատ տարածված թռչուն է և հաճախում է թփուտներից կազմված ցանկապատերի հատակները, ինչպես և լերկ բլուրների կողերին ցրված մացառների տակ, որտեղ հազիվ թե կարողանա գոյություն ունենալ մի որևէ այլ թռչուն։ Սնվելու ընդհանուր ձևով, մացառներից արագորեն դուրս ոստոստելու և ետ վերադառնալու սովորությամբ, թաքնվելու ցանկությամբ, թռչել չցանկանալու և բուն շինելու եղանակով նա շատ մոտիկ է տյուրկոյին, բայց իր արտաքին տեսքով նրա չափ այլանդակ չէ։[160] Տապակոլոն շատ խորամանկ է. երբ մեկը վախեցնում է նրան, նա մնում է մացառի տակին անշարժ և ապա քիչ հետո մեծ ճարպկությամբ սողալով դուրս է գալիս հակառակ կողմից։ Միաժամանակ նա ակտիվ թռչուն է և շարունակ ձայներ է արձակում. այս ձայները տարբեր են և վերին աստիճանի տարօրինակ. երբեմն նրանք նման են աղավնու մնչոցի, երբեմն՝ ջրի գլգլոցի, իսկ շատ ձայներ էլ ոչնչի նման չեն։ Գյուղական բնակիչներն ասում են, որ նա իր ձայնը տարեկան փոխում է հինգ անգամ. իմ կարծիքով՝ այդ կատարվում է եղանակի փոփոխության համաձայն։

Շատ տարածված են երկու տեսակ հծծող թռչուններ (կոլիբրի)։ Trochilus forficatus-ը գտնվում է արևմտյան ափին՝ ավելի քան 2500 մղոն տարածության վրա, սկսած Լիմայի տաք և չոր երկրից մինչև Հրո Երկրի անտառները, որտեղ նրան կարելի է տեսնել բքի ժամանակ թռչկոտելիս։ Չիլոեի անտառապատ կղզում, որն ունի ծայր աստիճանի խոնավ կլիմա, այս փոքրիկ թռչունը, որը ոստոստում է կաթկթող սաղարթների մեջ մի կողմից մի այլ կողմ, գուցե շատ ավելի մեծ թվով է գտնվում, քան որևէ այլ տեսակ։ Ես բաց արի այս երկրի տարբեր մասերում խփած մի քանի նմուշների ստամոքսները, և բոլորի մեջ էլ միջատների մնացորդներն այնքան բազմազան էին, որքան փայտփորիկի ստամոքսում։ Երբ այս տեսակը ամառը գաղթում է հարավ, նրան փոխարինում է մի այլ տեսակ, որը գալիս է հյուսիսից։ Այս երկրորդ տեսակը (Trohilus gigas) իր նրբակազմ ընտանիքի համար մեծ թռչուն է, երբ նա թռչում է, ստանում է արտասովոր տեսք։ Իր սեռի մյուս անդամների նման նա տեղից տեղ այնպիսի արագությամբ է շարժվում, որը կարելի է համեմատել ճանճերից սիրֆուսի (Syrphus), իսկ գիշերային թիթեռներից՝ սֆինքսի (Sphinx) հետ. բայց երբ սուրում է որևէ ծաղկի շուրջը, նա իր թևերը թափահարում է շատ դանդաղ և ուժեղ շարժումով, որն ամբողջովին տարբերվում է այս տեսակների մեծ մասին հատուկ՝ թրթռացող շարժումից, և որն առաջացնում է այդ հծծող ձայնը։ Ես երբեք մի այլ թռչուն չեմ տեսել, որի թևերի ուժը լիներ (ինչպես թիթեռների մոտ) այդքան ուժեղ, համեմատած իր մարմնի քաշի հետ։ Երբ սուրում է որևէ ծաղկի շուրջը, նրա պոչն անընդհատ բացվում և փակվում է ինչպես մի հովհար, մարմինը պահելով գրեթե վերտիկալ դիրքում։ Թվում է, թե այս գործողությունը թռչունին հաստատուն պահելու և նեցուկ լինելու համար է, իր թևերի դանդաղ շարժումների ժամանակ։ Թեև նա ծաղկից ծաղիկ է թռչում սնունդ ճարելու համար, բայց նրա ստամոքսը սովորաբար պարունակում է առատ քանակությամբ միջատների մնացորդներ, որոնք, կարծում եմ, ավելի շատ են հանդիսանում նրա որոնման առարկան, քան մեղրը։ Այս տեսակի ճիչը, նման գրեթե ամբողջ ընտանիքի ճիչի՝ վերին աստիճանի սուր է։


ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՉԻԼՈԵ ԵՎ ՉՈՆՈՍԻ ԿՂԶԻՆԵՐ

Չիլոե.— Ընդհանուր տեսքը.— Էքսկուրսիա նավակով.— Տեղական հնդիկներ.— Կաստրո.— Մարգընտել աղվես.— Սան Պեդրո սարը բարձրանալը.— Չոնոսի արշիպելագ.— Տրես Մոնտեսի թերակղզին.— Գրանիտային լեռնաշղթա.— Նավաբեկ նավասաիներ.— Լոուի նավահանգիստը.— Վայրի կարտոֆիլ.— Տորֆի առաջացումը.— Միոպոտամուս (Myopotamus), ջրսամույր և մկներ.— Չեյկաու (Gheucou) և հաջող թռչուն.— Opetiorhynchus.— Թռչնաբանության հատուկ բնույթը.— Մրրկահավեր։

Նոյեմբերի 10.— «Բիգլ»-ը Վալպարայսոյից նավարկեց դեպի հարավ, նպատակ ունենալով հետախուզելու Չիլիի հարավային մասը, Չիչոեի կղզին և կտրտված խորտուբորտ Չոնոսի արշիպելագը մինչև հարավում գտնվող Տրես Մոնտես թերակղզին։ Ամսի 21-ին խարիսխ դրեցինք Չիլոեի գլխավոր քաղաք Սան Կարլոսի ծոցում։ Այս կղզին ունի մոտ իննսուն մղոն երկարություն, իսկ լայնությունը երեսուն մղոնից էլ պակաս է։ Մակերեսը բլրոտ է, բայց ոչ լեռնային, և ծածկված է մի ընդհանուր մեծ անտառով, եթե չհաշվենք գյուղական ծղնոտածածկ տնակների մոտ գտնվող մաքրված, քիչ կանաչ տարածությունները։ Որոշ հեռավորությունից տեսարանը մի քանի կողմերով նման է Հրո Երկրի տեսարանին, բայց անտառները, երբ դիտում են մոտիկից, անհամեմատ ավելի գեղեցիկ են։ Բազմաթիվ տեսակի գեղեցիկ մշտականաչ ծառեր և տրոպիկական բնույթի բույսեր այստեղ փոխարինում են հարավային ափերի մթագին հաճարի ծառերին։ Ձմեռը կլիման անտանելի է, իսկ ամառը շատ քիչ է լավանում։ Ես այնպես եմ կարծում, որ աշխարհում շատ քիչ մասեր կան բարեխառն գոտում, որտեղ այսքան շատ անձրև է տեղում։ Քամիները չափազանց աղմկոտ են, իսկ երկինքը գրեթե միշտ ամպամած. չափազանց հազվադեպ և զարմանալի է մի ամբողջ շաբաթով պարզ օրեր լինելը։ Մինչև անգամ Կորդիլյերները դժվարությամբ են իրենց դեմքը ցույց տալիս, մեր առաջին այցելության ժամանակ միայն Օսորնո հրաբուխը մի անգամ պարզ և լրիվ երևաց մեզ, և այդ արևածագից առաջ էր։ Հետաքրքրական էր դիտել, թե ինչպես արեգակը բարձրանալու ժամանակ այս լեռան ուրվագիծն աստիճանաբար անհետանում էր արևելյան երկնքի ցոլքի մեջ։

Այս կղզու բնակիչները, նկատի ունենալով նրանց ցածը հասակը և դեմքի գույնը, իրենց երակներում պետք է ունենան երեք քառորդով հնդիկի արյուն։ Սրանք խոնարհ, հանգիստ և ժրանան մարդիկ են։ Թեև արգավանդ հողը, որը կազմված է հրաբխային ապառների քայքայումից, ունի բարձրաճուն բուսականություն, բայց և այնպես կլիման նպաստավոր չէ մի շարք բույսերի համար, որոնց հասունացումը պահանջում է շատ արևոտ օրեր։ Խոշոր եղջերավոր անասունների համար շատ քիչ արոտատեղեր կան. հետևաբար սննդի գլխավոր աղբյուրները հանդիսանում են խոզը, կարտոֆիլը և ձուկը։ Ամբողջ բնակչությունը հագնում է բրդե ամուր հագուստներ, որ յուրաքանչյուր ընտանիք պատրաստում է իր համար և ներկում է մութ-կապույտ գույնի ինդիգոյով։ Արհեստները գտնվում են ամենակոպիտ և անշնորհք վիճակում,— ինչպես այդ տեսնում ենք նրանց վարելու տարօրինակ ձևերից, մանելու եղանակից, հացահատիկն աղալուց և նավակներ շինելուց։ Անտառներն այնպես անթափանց են, որ ցամաքը ոչ մի տեղ չի մշակվում, եթե նկատի չառնենք ծովափնյա վայրերը և հարևան կղզիները։ Մինչև անգամ եթե մի տեղ շավիղ գոյություն ունենա, հազիվ թե հնարավոր լինի այդ շավղով շարժվել, որովհետև գետինը փափուկ է և ճահճոտ։ Բնակիչները Հրո Երկրի բնակիչների նման մի տեղից մի այլ տեղ գնում են գլխավորապես ծովափով կամ նավակներով։ Թեև այս մարդիկ ուտելու շատ բան ունեն, բայց չափազանց աղքատ են. աշխատանքի ոչ մի պահանջ չկա, հետևաբար ցածր կարգերը չեն կարող բավարար քանակությամբ փող հավաքել մինչև անգամ ամենափոքր պերճանքներ գնելու համար։ Հնչուն դրամի պակասությունը, շրջանառության համար, նույնպես զգացվում է։ Ես տեսել եմ մի մարդ, որը շալակով մի պարկ փայտածուխ էր տանում ծախելու և մի քանի մանր բան գնելու համար, իսկ մի ուրիշը տանում էր մի հաստ տախտակ մի շիշ գինու հետ փոխանակելու համար։ Ուստի յուրաքանչյուր արհեստավոր միաժամանակ ստիպված է առևտրական դառնալ և նորից ծախել իր ապրանքի փոխարեն ստացած ապրանքը։

Նոյեմբերի 24.— Մակույկը և կետորսական նավակը մր. (այժմ կապիտան) Սելիվանի հրամանատարությամբ ուղարկվեց Չիլոեի արևելյան կամ դեպի ցամաքը նայող ափը քարտեզահանելու համար, միաժամանակ հրաման ստանալով հանդիպելու «Բիգլ»-ին կղզու ամենահարավային ծայրում, որտեղ նա ընթանալու, էր կղզու դրսի կողմով, որպեսզի այսպիսով ամբողջ կղզին շրջանավված լինի։ Ես մասնակցում էի այս էքսպեդիցիային. բայց փոխանակ առաջին օրը նավակով գնալու՝ ես ձիեր վարձեցի Չակաո գնալու համար, որը գտնվում է կղզու ամենահյուսիսային ծայրում։ Ճանապարհն անցնում էր ծովափով, և հաճախ մեզ հանդիպում էին հրվանդաններ՝ ծածկված գեղեցիկ անտառներով։ Այս ստվերոտ շավիղներում բացարձակապես անհրաժեշտ է ամբողջ ճանապարհը պատրաստել փայտի կոճղերով, որոնք լինեն քառակուսի և կողք-կողքի դրված։ Շնորհիվ այն բանի, որ արևը երբեք չի թափանցում մշտականաչ ծառերի սաղարթներից, գետինն այնքան խոնավ և փափուկ է լինում, որ եթե ճանապարհներն այսպես չպատրաստենք այդ տեղերով ոչ մարդ կարող է անցնել, ոչ ձի։ Ես ժամանեցի Տակաո գյուղը, և քիչ հետո նավակի վրանները կանգնեցրինք գիշերելու համար։

Գյուղի շրջակայքում գետինն ընդարձակ տարածություններով մաքրված էր և անտառում կային բազմաթիվ հանդարտ և գեղատեսիլ անկյուններ։ Առաջ կղզու գլխավոր նավահանգիստը Չակաոն է եղելյ բայց նեղուցների ապառաժների և վտանգավոր հոսանքների պատճառով բազմաթիվ նավեր են կորչում, և սպանական կառավարություն այրում է եկեղեցին և այսպիսով կամավոր կերպով ստիպում է բնակչության մեծ մասին գաղթել Սան Կարլոս։ Դրսում մեր վրանները պատրաստելուց քիչ անց նահանգապետի բոբիկ ոտքերով որդին եկավ մեզ մոտ՝ մեզ տեսնելու և ծանոթանալու։ Տեսնելով անգլիական դրոշակը մակույկի կայմի գլխին բարձրացրած՝ նա հարցրեց ծայրահեղ անտարբերությամբ, թև արդյոք նա մի՞շտ է ծածանվելու Չակաոյի վրա։ Մի քանի տեղ բնակիչները շատ էին զարմացել ռազմանավի նավակների երևալու վրա, և հույսով և հավատով սպասում էին, որ այս նավակները սպանական մի նավախմբի նախակարապետներն են, որը գալիս է կղզին Չիլիի պատրիոտիկ կառավարությունից ետ վերցնելու համար։ Սակայն բոլոր պետական մարդիկ գիտեին մեր մտադրված այցելության մասին և ծայր աստիճան քաղաքավարի էին վարվում մեզ հետ։ Երբ մենք ընթրում էինք, նահանգապետն այցելության եկավ մեզ մոտ։ Նա սպանական բանակում եղել էր փոխգնդապետ, բայց այժմ վերին աստիճանի աղքատ էր։ Նա մեզ տվեց երկու ոչխար և փոխարենը մեզնից ընդունեց բամբակե երկու թաշկինակ, արույրե մի քանի էժան զարդեր և քիչ ծխախոտ։

Նոյեմբերի 25.— Անձրևի հեղեղներ. բայց մենք կարողացանք մի կերպ ափով հասնել մինչև Հուապի-Լենոու։ Չիլոեի ամբողջ արևելյան կողմը միօրինակ տեսք ունի, այս մի հարթավայր է, որը կտրտված է հովիտներով և բաժանված փոքր կղզիների և ամբողջովին ծածկված խիտ, միապաղաղ սև կանաչ անտառով։ Ծովափերին կան մի քանի մաքրված բաց տարածություններ, որոնք շրջապատում են բարձր ծածկ ունեցող տնակները։

Նոյեմբերի 26.— Օրը բացվեց փառավորապես պարզ։ Օսորնո հրաբուխը մեծ քանակությամբ ծուխ է արձակում։ Այս վերին աստիճանի գեղեցիկ լեռը, կազմված կատարյալ կոնի ձևով և ծածկված սպիտակ ձյունով, կանգնած է Կորդիլյերների դիմացը։ Մի այլ մեծ հրաբուխ, թամբաձև գագաթով, նույնպես արձակում էր իր ահռելի խառնարանից գոլորշու փոքրիկ զանգվածներ։ Այնուհետև մենք տեսանք բարձր կատարով Կորկովադոն, արժանի իր կոչման՝ „el famoso Corcovado”։ Այսպիսով մենք մի կետից տեսնում էինք գործող երեք մեծ հրաբուխներ, յուրաքանչյուրը մոտ յոթ հազար ոտնաչափ բարձրության։ Սրանց պետք է ավելացնել հեռու հարավում գտնվող այլ բարձր կոներ՝ ծածկված ձյունով, որոնք թեև հայտնի չէ, որ գործող են, բայց պետք է որ հրաբխային ծագում ունենան։ Անդերի գիծն այստեղից այնքան բարձր չէ, ինչպես Չիլիում, և երկու գոտիների միջև նրանք չեն հանդիսանում ուժեղ բաժանող սահման։ Այս մեծ լեռնաշղթան, թեև անցնում է հյուսիսից հարավ ուղիղ գծով, տեսողական պատրանքի շնորհիվ միշտ երևում էր ավելի կամ պակաս չափով կորացած, և որովհետև յուրաքանչյուր կատարից դեպի դիտողի աչքն ուղղված գծերը անհրաժեշտաբար զուգամիտվում էին նման կիսաշրջանի շառավիղների, և որովհետև հնարավոր չէր դատել, թե ո՜րչավ, հեռու էին ամենահեռավոր գագաթները, որը հետևանք էր մթնոլորտի պարզության և բոլոր միջանկյալ առարկաների բացակայության, ուստի նրանք երևում էին այնպես, կարծես թե կանգնած լինեն հարթ կիսաշրջանով։

Կեսօրին ափ դուրս գալով մենք տեսանք զուտ հնդկական ծագում ունեցող մի ընտանիք։ Ընտանիքի հայրը եզակիորեն նման էր Յորք Մինստրին, իսկ նրա համեմատաբար երիտասարդ տղաներն այնպես պղնձակարմիր գույն ունեին, որ նրանց կարելի էր շփոթել պամպասների հնդիկների հետ։ Իմ տեսած ամեն մի բանը համոզել է ինձ, որ ամերիկյան տարբեր ցեղերը մոտիկ ազգակցություն ունեն իրար հետ, չնայած որ բոլորն էլ խոսում են տարբեր լեզուներով։ Այս խումբը շատ քիչ բան էր արտահայտում սպաներեն լեզվով, և իրար հետ խոսում էին իրենց սեփական լեզվով։ Հաճելի է տեսնել բնիկներին, քաղաքակրթության այն աստիճանին հասած, որի վրա գտնվում են իրենց սպիտակամորթ նվաճողները, որչափ էլ այդ քաղաքակրթությունը ցածր լինի։ Ավելի հարավում մենք տեսանք բազմաթիվ զտարյուն հնդիկներ. մի քանի կղզիներում բնակիչները պահել են իրենց հնդկական ազգանունները։ 1832 թվի մարդահամարի ժամանակ Չիլոեում և նրանից կախում ունեցող կղզիներում եղել է քառասուներկու հազար բնակիչ։ Սրանց մեծ մասն ըստ երևույթին խառնարյուն է։ Տասն և մեկ հազար հոգի պահում են իրենց հնդիկ ազգանունները, բայց հավանորեն սրանք բոլորն էլ զտարյուն հնդիկներ չեն։ Նրանց կենցաղը նույնն է, ինչ որ մյուս աղքատ բնակիչներինը, և նրանք բոլորն էլ քրիստոնյա են, բայց և այնպես ասում են, որ նրանք դեռ պահում են մի քանի տարօրինակ սնոտիապաշտական ծիսակատարություններ և այնպես են ձևացնում, որ սատանայի հետ հաղորդակցությունը պահում են որոշ քարանձավներում։ Առաջ ով որ դատապարտվում էր այդպիսի մեղադրանքով, նրան ուղարկում էին Լիմա՝ ինկվիզիցիային։ Բնակիչներից շատերը, որոնք տասնևմեկ հազարի մեջ չեն, իրենց արտաքին տեսքով հնդիկներից չեն տարբերվում։ Գոմեսը, Լեմուի նահանգապետը, և՛ հոր և՛ մոր կողմից ծագում է սպանական ազնվականությունից, բայց իր նախնիների և բնիկների միջև շարունակ տեղի ունեցող խնամակցությունից՝ այդ մարդն այժմ հնդիկ է։ Մյուս կողմից՝ Կինչաոյի նահանգապետը շատ է պարծենում, որ ինքը պահպանել է սպանական զտարյունությունը։

Երեկոյան հասանք մի գեղեցիկ փոքրիկ խորշ, Կաուկահուեի կղզուց հյուսիս։ Այստեղ բնակչությունը տրտունջներ հայտնեց հողի պակասության առթիվ։ Այս մասամբ արդյունք է իրենց անփութության, այն է՝ չեն մաքրում մոտակա անտառները և չեն ընդարձակում հողի տարածությունը. և մասամբ էլ արդյունք է պետության արգելքների, որն ամենափոքր տարածությունն անգամ գնելուց առաջ անհրաժեշտ է համարում յուրաքանչյուր կվադրայի (150 քառակուսի յարդ) համար նախ հողաչափին վճարել երկու շիլինգ, և ապա տարածության արժեքը, որ նշանակում է հողաչափը։ Նրա գնահատումից հետո հողը երեք անգամ աճուրդի են հանում, և եթե ոչ ոք ավելի բարձր գին չի առաջարկում, այդ դեպքում գնորդը կարող է գնել նշանակված գնով։ Այս բոլոր կեղեքումները պետք է համարել մի լուրջ արգելակում անտառապատ տարածությունները մաքրելու և մշակելի հող դարձնելու համար, այն էլ այնպիսի մի երկրում, որտեղ բնակիչները ծայր աստիճան, աղքատ են։ Շատ երկրներում անտառները մաքրում են առանց մեծ դժվարության, այն է՝ հրդեհելով. բայց Չիլոեում կլիմայի խոնավության և ծառերի տեսակների բնույթի պատճառով անհրաժեշտ է նախ կտրել ծառերը։ Այս մի ծանր արգելք է Չիլոեի բարգավաճման համար։ Սպանական տիրապետության ժամանակ հնդիկներն իրավունք չունեին հողն զբաղեցնելու, և եթե մի ընտանիք մաքրում էր մի փոքր հողաբաժին, նրան հեռացնում էին այդ վայրից, և նրա հողը գրավում էր պետությունը։ Չիլիի պետական մարմիններն այժմ որոշ արդար գործ են կատարում՝ փոխհատուցելով այս խեղճ և աղքատ հնդիկներին, տալով յուրաքանչյուր մարդու, ըստ իր դիրքի, որոշ չափի հող։ Չմաքրված հողաբաժնի գինը շատ ցածր է։ Պետությունը մր. Դուգլասին (հողաչափին, որը պատմեց ինձ այս բոլոր մանրամասնությունները) Սան Կարլոսի մոտ տվել էր ութ և կես քառակուսի մղոն անտառ՝ մի պարտքի դիմաց, և նա այդ տարածությունը ծախել էր 350 դոլարի կամ մոտ 70 ֆունտ ստերլինգի։

Հաջորդ երկու օրերը շատ հիանալի էին, և գիշերը հասանք Կինչաո կղզին։ Այս շրջանն արշիպելագի ամենամշակված մասն է, որովհետև գլխավոր կղզու ծովափին ցամաքի մի լայն շերտ, ինչպես և մոտիկ գտնվող մի քանի մանր կղզիների վրա գետինը գրեթե կատարելապես մաքրված է անտառներից։ Գյուղական տներից մի քանիսը շատ հանգստավետ տպավորություն էին թողնում։ Ես հետաքրքրվում էի ստուգելու, թե ի՛նչպիսի կարողության տեր են այս ժողովրդի ներկայացուցիչները։ Բայց մր. Դուգլասն ասում է, որ չկա մեկը, որը կանոնավոր եկամուտ ունենա։ Մեծ կալվածատերերից մեկը երկար և ժրանան կյանքի ընթացքում հավանորեն կկարողանա կուտակել 1000 ֆունտ ստերլինգ. բայց եթե այդ հաջողվի նրան, նա այդ ամբողջ փողը կթաղի մի թաքուն տեղ, որովհետև այստեղ սովորաբար յուրաքանչյուր ընտանիք ունի մի կճուճ կամ գանձարկղ՝ հողի տակ թաղած։

Նոյեմբերի 30.— Կիրակի օրն առավոտյան կանուխ հասանք Չիլոեի հին մայրաքաղաքը՝ Կաստրո, որն այժմ վերին աստիճանի լքված և ամայացած մի տեղ է։ Այստեղ կարելի էր նկատել սպանական քաղաքի սովորական քառանկյունի դասավորման հետքերը. փողոցները և հրապարակը ծածկվել էին գեղեցիկ կանաչ խոտով, սրտեղ արածում էին ոչխարներ։ Եկեղեցին, որը գտնվում է մեջտեղում, ամբողջապես շինված է հաստ տախտակներից և ունի գեղատեսիլ և պատկառելի տեսք։ Տեղի աղքատության մասին գաղափար կազմելու համար բավական է հիշել մի փաստ. չնայած որ այստեղ ապրում են մի քանի հարյուր մարդ, սակայն մեր ընկերներից մեկը ոչ մի տեղ չկարողացավ մեկ ֆունտ շաքար կամ մի սովորական գանակ գնել։ Ոչ մեկի մոտ չէր գտնվի գրպանի կամ պատի ժամացույց, և մի ծեր մարդ, որը, կարծում էին, թե շատ լավ է հասկանում ժամանակը, ենթադրությամբ խփում էր եկեղեցու զանգը։ Մեր նավակների ժամանումը մի շատ հազվադեպ բան էր աշխարհի այս մեկուսացած և խաղաղ անկյան համար, և գրեթե բոլոր բնակիչներն էլ ծովեզր եկան վրանները խփելիս մեզ դիտելու։ Նրանք շատ քաղաքավարի էին և մեզ մի տուն առաջարկեցին, և մի մարդ մինչև անգամ մի տակառ խրնձորօղի ուղարկեց մեղ որպես նվեր։ Կեսօրից հետո մենք ներկայացանք նահանգապետին — մի հանգիստ բնավորությամբ ծեր մարդու, որն իր արտաքին տեսքով և կենցաղով հազիվ թե Անգլիայի սովորական գյուղացուց բարձր կանգնած լիներ։ Երեկոյան սկսվեց մի ուժեղ անձրև, որը հազիվ թե կարողանար մեր վրաններից քշել մեզ շրջապատող դիտողների մեծ խմբերը։ Մի հնդիկ ընտանիք, որը եկել էր մի նավակով Կայլենից, առևտուր անելու համար ափ էր դուրս եկել մեզ մոտիկ, բացօթյա։ Անձրևի ժամանակ, նրանք ոչ մի պատսպարան չունեին։ Առավոտյան ես հարցրի մի երիտասարդ հնդիկի, որը մինչև մորթը լավ թրջված էր, թե ինչպես է անցկացրել գիշերը։ Նա, թվում էր, թե կատարելապես գոհ էր և պատասխանեց. „Muy bien, senor” (շատ լավ, սենյոր)։

Դեկտեմբերի 1.— Մենք ուղղվեցինք դեպի Լեմուի կղզին։ Ինձ համար հետաքրքրական էր տեսնել մի քարածխի հանք, որի մասին խոսում էին. պարզվեց, որ այդ լիդնիտ է, ցածր որակի, և գտնվում է հավանորեն հին երրորդային էպոխայի ավազաքարի մեջ, որից կազմված են այս կղզիները։ Լեմուի հասնելիս բավականին նեղություն կրեցինք վրանները խփելու տեղ գտնելու համար, որովհետև գարնանային մակընթացություն էր, և ցամաքը ծածկված էր անտառով, և անտառն իջնում էր մինչև ջրի ծայրը։ Կարճ Ժամանակից հետո մենք շրջապատված էինք գրեթե զտարյուն հնդիկ բնակիչների մի մեծ խմբով։ Նրանք շատ էին զարմացել մեր գալուստի վրա և ասում էին իրար, «Ահա թե ինչու վերջին ժամանակներն այդքան մեծ թվով թութակներ էին երևում, իսկ չեյկաուն (cheucau, մի տարօրինակ կարմրալանջ փոքրիկ թռչուն, որն ապրում է խիտ անտառներում և չափազանց յուրահատուկ ձայներ է արձակում) միշտ կանչում էր՝ զգուշացեք»։ Շուտով նրանք ցույց տվին առևտուր անելու ցանկության նշաններ։ Փողը նրանց համար գրեթե արժեք չուներ, բայց նրանց տենչը դեպի ծխախոտը շատ ուժեղ էր արտահայտվում։ Ծխախոտից հետո մյուս արժեքավոր նյութը ինդիգոն (կապույտ ներկ) էր, ապա գվինեական պղպեղը (Capsicum), հին շորեր և վառոդը։ Վերջինս պահանջվում էր մի շատ անմեղ նպատակի համար. ամեն մի թեմ ունի մի հանրային հրացան, և վառոդը պահանջվում էր տոնական օրերին աղմուկ հանելու համար։

Այստեղի բնակչության գլխավոր սնունդը կազմում են խեցիները և կարտոֆիլը։ Որոշ սեզոններում նրանք բռնում են նաև ստորջրյա ցանցերի կամ «կորալների» միջոցով բազմաթիվ ձկներ, որոնք տղմուտ ափերին են մնում տեղատվության ժամանակ։ Երբեմն պատահում են ընտանիքներ, որոնք պահում են հավ, ոչխար, այծ, խոզ, ձի և անասուններ. այն շարքը, որով թվարկեցինք այդ կենդանիները, արտահայտում է նրանց հարաբերական քանակությունը։ Ես երբեք չեմ տեսել ավելի խոնարհ և պարտավորիչ բան, քան այս մարդկանց վարվելակերպը։ Նրանք սովորաբար սկսում էին խոսել շեշտերով, որ իրենք այդ վայրի խեղճ և աղքատ բնիկներն են և ոչ սպանացիներ, և որ իրենք գտնվում են ծխախոտի և այլ կոմֆորտների դառն կարիքի մեջ։ Կայլենում, ամենահարավային կղզում, նավաստիները ծխախոտի մի շարոցով, որն արժեր մեկ և կես պենս (մոտ վեց կոպեկ), գնել էին երկու հավ, որոնցից մեկը, ինչպես, ասում էր հնդիկը, ոտքերի մատների միջև մորթի է ունեցել. հասկանալի է,, որ այդ մի լավ բադ է եղել, մի քանի բամբակյա թաշկինակներով, մոտ երեք շիլինգի արժողությամբ, ձեռք էին բերել երեք ոչխար և մի մեծ փունջ սոխ։ Այստեղ մակույկը խարիսխ էր գցել ափից քիչ հեռու, և մենք վախենում էինք, որ գիշերն ավազակները կկողոպտեն այն։ Մեր մակույկի ղեկավարը, մր. Դուգլասը, այս առթիվ ասաց շրջանի պետին, որ մենք միշտ պահակներ ենք ունենում՝ լցված հրացաններով. և սպաներեն չիմանալով, եթե մեկին տեսնենք մթության մեջ՝ անպայմանորեն կգնդակահարենք նրան։ Պետը մեծ խոնարհությամբ համաձայնեց այս կարգադրության կատարելապես պատշաճ լինելու մասին և խոստացավ մեզ, որ ոչ ոք այդ գիշեր իր տնից դուրս չգա։

Հաջորդ չորս օրը մենք շարունակեցինք նավարկել դեպի հարավ։ Երկրի ընդհանուր տեսքը մնում էր նույնը, բայց բնակչությունը շատ ավելի նոսր էր։ Տանքուի մեծ կղզու վրա հազիվ թե մի մաքրված կետ լիներ. ամեն կողմ ծառերը տարածել էին իրենց ճյուղերը ծովեզրի վրա։ Մի օր ես նկատեցի, որ ավազաքարե գահավանդի վրա բուսել էին մի քանի պանկե (Gunner ascabra) ծառերը, որոնք որոշ կողմերով նման են խավրծիլին, միայն թե նրանից շատ ավելի մեծ են։ Բնակիչներն ուտում են սրա ցողունը, որը ունի թթվաշ համ, իսկ արմատները գործածում են կաշին դաբաղելու համար, ինչպես և նրանցից պատրաստում են սև ներկ։ Տերևը գրեթե կլոր է բայց ծայրերում խորը արմատավոր է։ Ես չափեցի մեկը, որն ուներ մոտավորապես ութ ոտնաչափ տրամագիծ, ուստի և ոչ պակաս քան քսանչորս ոտնաչափ շրջագիծ։ Ցողունն ունի ավելի քան մեկ յարդ (0,9 մետր) բարձրություն, և յուրաքանչյուր բույս արձակում է այս վիթխարի տերևներից չորս կամ հինգ հատ, բոլորը միասին հոյակապ տեսք ունեն։

Դեկտեմբերի 6.— Հասանք Կայլեն, որը կոչվում է „el fin del Cristiandad” (քրիստոնեական աշխարհի վերջը)։ Առավոտյան մի քանի րոպե կանգ առանք Լայլեկի հյուսիսա։ին ծայրում գտնվող տանը. այս վայրը Հարավային Ամերիկայի քրիստոնեական աշխարհի ամենահարավային կետն էր, իսկ տունը մի ողորմելի հյուղակ։ Այս կետը գտնվում է 43°10՛ լայնության վրա, որը երկու աստիճանով ավելի հարավ է, քան Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Ռիո Նեգրոն։ Այս ծայրագույն հարավի քրիստոնյաները չափազանց աղքատ էին և քիչ ծխախոտ էին խնդրում՝ գանգատվելով իրենց դառն վիճակից։ Որպես ապացույց այս հնդիկների աղքատության՝ ես կարող եմ հիշատակել այն, որ նախքան այս մենք հանդիպել էինք մի մարդու, որը երեք և կես օր ոտքով Ճանապարհ էր գնացել, նույնչափ էլ ետ դառնալու ժամանակ էր կորցրել, մի փոքր կացին և մի քանի ձուկ ծախելու համար։ Ո՜րչափ դժվար պետք է լինի մինչև անգամ ամենափոքր իրը կամ գործիքը գնելը, եթե այդպիսի չնչին մի գումար ձեռք բերելն այդքան դժվարություններ է առաջացնում։ 4 Երեկոյան հասանք Սան Պեդրո կղզին, որտեղ գտնվում էր «Բիգլ»-ը՝ խարիսխ գցած։ Կատարելով հրվանդանի շուրջը մի պտույտ՝ մեր սպաներից երկուսը ցամաք դուրս եկան, որպեսզի թեոդոլիտով չափեն անկյունը։ Մի աղվես (Canis fulvipes), որն ասում են, հատուկ է այդ կղզուն և չափազանց սակավաթիվ ու մի նոր տեսակ է, նստած էր ժայռերի վրա։ Այնքան նա տարված էր սպաների աշխատանքը դիտելով, որ հետևից կամաց. քայլելով, ես կարողացա իմ երկրաբանական մուրճով հարվածել նրան գլխից։ Այս աղվեսը, թեև ավելի հետաքրքրվող կամ գիտուն, բայց ավելի քիչ իմաստուն, քան իր եղբայրակիցները, այժմ դրված է Կենդանաբանական ընկերության թանգարանում։

thumb

Այս նավահանգստում մնացինք երեք օր. այդ օրերից մեկում կապիտան Ֆից Ռոյը մի խմբով փորձեց բարձրանալ Սան Պեդրոյի գագաթը։ Այստեղ անտառները տարբեր տեսք ունեին՝ համեմատած կղզու հյուսիսում գտնվածների հետ։ Ժայռը նույնպես փայլարային թերթաքարից էր։ Նավի համար հարմար կայան չկար, ժայռի զառիվար կողերն ուղղակի իջնում էին ջրի տակ։ Հետևաբար և վայրի տեսքն ընդհանրապես ավելի շատ նման էր Քրո Երկրին, քան Չիլոեին։ Մեր բոլոր ջանքերը գագաթը հասնելու համար՝ իզուր էին. անտառն այնպես անթափանցելի էր, որ ոչ ոք, եթե չի տեսել այն, երբեք չի կարող պատկերացնել մեռնող և մեռած ծառերի բների այդպիսի մի խճճված զանգված։ Ես հավատացած եմ, որ շատ հաճախ ավելի քան տաս րոպե մեր ոտքերը երբեք գետին չէին դիպչում, և հաճախ գտնվում էինք տասը կամ տասնհինգ ոտնաչափ գետնից բարձր, այնպես որ նավաստիները կատակի համար բարձր աղաղակներ էին արձակում։ Երբեմն էլ մեկը մյուսի հետևից ձեռքերի և ծնկների վրա սողում էինք փտած բների տակով։ Լեռան ներքին մասերում Drimys Winteri-ի ազնիվ ծառերը և դեղաբույր տերևներով, սասսաֆրասի նման մի դափնի և մի շարք այլ տեսակի ծառեր, որոնց անունները չգիտեմ, խճճվել էին երկարացող բամբուկով կամ եղեգով։ Այստեղ մենք ավելի շատ նման էինք ուռկանն ընկած մաքառող ձկների, քան որևէ այլ կենդանու։ Վերևի մասերում մեծ ծառերին փոխարինում են մացառները. տեղ-տեղ այս մացառների միջից բարձրանում են կարմիր եղևնու և սոճու ծառեր։ Ինձ հաճելի էր տեսնել նաև 1000 ոտնաչափից քիչ պակաս բարձրության վրա մեր հին բարեկամ՝ հարավային հաճարի ծառեր։ Սակայն այստեղ նրանք փոքր թերաճած ծառեր են. և ես կարծում եմ, որ նրանց հյուսիսային սահմանն է այս։ Վերջիվերջո մենք հուսահատված տեղի տվինք գագաթը բարձրանալու մեր փորձերին։

Դեկտեմբերի 10.— Մակույկը և կետորսական նավակը մր. Սելիվանի հետ շարունակեցին իրենց հետազոտությունները, բայց ես մնացի «Բիգլ»-ի հետ, որը հաջորդ օրը դուրս գալով Սան Պեդրոյից՝ շարժվեց դեպի հարավ։ Ամսի 13-ին մտանք Գուայատեկասի կամ Չոնոսի արշիպելագի հարավային մասում մի բացվածք, և այդ բարեբախտություն էր մեզ համար, որովհետև հաջորդ օրը Հրո Երկրի փոթորիկների նման մի փոթորիկ փչում էր մեծ կատաղությամբ։ Մութ-կապույտ երկինքը բռնվել էր սպիտակ հոծ ամպերով, և նրանց ուղղությամբ արագ անցնում էին շոգու սև պատառոտած շերտերը։ Հաջորդական լեռնաշղթաները երևում էին ինչպես մութ ստվերներ, իսկ մայր մտնող արևն անտառների վրա գցել էր դեղին ցոլք, որը շատ նման էր գինու սպիրտի բոցի առաջացրած գույնին։ Ջուրն սպիտակել էր ցայտերից, իսկ քամին հանդարտում և նորից մռնչում էր նավի ամբողջ պարանասարքի միջից. այդ մի չարագուշակ, վեհապանծ տեսարան էր։ Մի քանի րոպե առաջացավ մի պայծառ ծիածան, և հետաքր֊քրական էր տեսնել ջրի կաթիլների ազդեցությունը, որոնք տարվելով ջրի մակերեսով՝ սովորական կիսաշրջանը վերածում էին շրջանի. ծովածոցի վրայով ընդհանուր աղեղի երկու ոտքերից էլ հենց նավի կողքին շարունակվում էր պրիզմատիկ գույների մի երիզ, կազմելով խեղաթյուրված, բայց խիստ մոտավոր ամբողջական օղակ։

Այստեղ մնացինք երեք օր։ Վատ եղանակը շարունակվում էր, բայց այդ մեզ համար շատ նշանակություն չուներ, որովհետև ցամաքի մակերեսն այս բոլոր կղզիներում ամբողջովին անանցանելի է։ Ծովափն այնպես խորտուբորտ է, որ այդ ուղղությամբ քայլելու փորձ անելը պահանջում է շարունակ ճանկռոտելով բարձրանալ և իջնել փայլարային թերթաքարերի սուր ժայռերի վրայով. իսկ ինչ վերաբերում է անտառներին, այսքանը կասենք, որ մեր դեմքերը, ձեռքերը և ծնկները կրում էին մեր ստացած տանջանքների վկայությունները, որ մենք ստացել էինք նրանց արգելված մեկուսարանները թափանցելու փորձ անելիս։

Դեկտեմբեր 18.— Մենք ծով դուրս եկանք։ Ամսի 20-ին հրաժեշտ տվինք հարավին և օգտվելով մի բարենպաստ քամուց՝ նավի գլուխը դարձրինք դեպի հյուսիս։ Տրես Մոնտես հրվանդանից ուրախ-զվարթ նավարկում էինք հողմահար բարձր ափի երկայնքով, որը հայտնի է իր բլուրների դուրս ցցված ուրվագծերով, և խիտ անտառների ծածկոցով, որոնք ծածկում են մինչև անգամ գահավեժ լանջերը։ Մյուս օրը գտնվեց նավահանգստի համար հարմար մի տեղ, որն այս վտանգավոր ծովափին կորստյան մատնված նավերի համար կարող է շատ մեծ նշանակություն ունենալ։ Այս կետը հեշտությամբ կարելի է ճանաչել 1600 ոտնամատի բարձրություն ունեցող մի բլրից, որն ավելի կոնաձև է, քան Ռիո դե Ժանեյրոյի հռչակավոր շաքարագլուխը։ Հաջորդ օրը, խարիսխ գցելուց հետո, ինձ հաջողվեց հասնել այս բլրի գագաթը։ Այդ մի տաժանելի ձեռնարկություն էր, որովհետև բլրի կողերն այնպես թեք էին, որ որոշ մասերում անհրաժեշտ էր ծառերը ծառայեցնել որպես աստիճաններ։ Այնտեղ կային նաև ֆուքսայի (fucsia) մի քանի ընդարձակ թփուտներ՝ ծածկված գեղեցիկ կերպով կախ ընկած ծաղիկներով, բայց սրանց միջից սողալը չափազանց դժվար էր։ Այս վայրի երկրներում որևէ սարի գագաթ նվաճելը մեծ ուրախություն և բերկրանք է պատճառում։ Մարդ հուզմունքով սպասում է չափազանց տարօրինակ մի բան տեսնելու, որը թեև հաճախ ի դերև է ելնում, բայց ինձ երբեք ետ չի պահել հետագա նոր փորձության ենթարկվելուց։ Յուրաքանչյուր ոք կզգա հաղթանակի և հպարտության այն զգացումը, որը շրջապատում է մեզ, երբ մենք մի բարձրությունից նայում ենք մեր առջև փռված հոյակապ տեսարաններին։ Այս մեկուսացած և քիչ այցելված երկրներում այդ զգացումներին միանում է մի ունայն միտք — այնպես է թվում, թե գուցե ինքն առաջին մարդն է, որ կանգնել է այս սրակատար գագաթին, կամ սքանչանում է այս տեսարանով։

Մի ուժեղ ցանկություն միշտ տիրում է մարդու մտքին — արդյոք այս չհաճախված վայրը նախապես այցելե՞լ է մի մարդկային էակ։ Գտնվում է մի կտոր փայտ՝ մի մեխ մեջը, և ուսումնասիրվում է այն, կարծեք թե հիերոգլիֆներով ծածկված լինի։ Համակված այս զգացողությամբ, ինձ համար շատ հետաքրքրական էր և տարօրինակ՝ ծովափի մի ամայի մասում, ժայռի վիմուտքի տակ կանաչ խոտից պատրաստած մի քնելու տեղ գտնելը։ Այդտեղին շատ մոտիկ կրակ էր վառված, և մարդը կացին էր գործածել։ Կրակը, անկողինը և ամբողջ կացությունն արտահայտում էին հնդիկի հնարագիտությունները. բայց. հազիվ թե նա հնդիկ եղած լիներ, որովհետև հնդիկներն այս մասում, շնորհիվ կաթոլիկական ցանկության, այն է՝ մի հարվածով նրանց քրիստոնյա կամ ստրուկ դարձնելուն, անհետացել վերջացել են։ Մի պահ ես վարանման մեջ էի՝ չլինի թե այդ մենակյաց մարդը, որն իր անկողինը պատրաստել էր այդ վայրի կետում, մի խեղճ նավաբեկ նավաստի լինի, որը փորձելով քայլել այս ափերով՝ այստեղ էր իջել իր տխուր գիշերն անցկացնելու համար։

Դեկտեմբեհրի 28.— Եղանակը շարունակեց մնալ շատ վատ, բայց վերջիվերջո թույլ տվեց մեղ շարունակել մեր հետազոտությունները, ժամանակը շատ ծանր կախված էր մեր գլխավերևին, և շարունակ փչող քամիները մեզ օրերով ետ էին պահում և խանգարում մեր առաջ շարժվելուն։ Երեկոյան հայտնաբերեցինք մի նոր նավահանգիստ, որտեղ խարիսխ գցեցինք։ Նույն ժաժին երևաց մի մարդ, որը ծածանում էր իր շապիկը, մի նավակ ուղարկեցինք, որը վերադարձավ երկու նոր նավաստիներով։ Վեց հոգուց կազմված մի խումբ փախչում է ամերիկյան կետորսական նավից և ցամաք է դուրս գալիս քիչ հարավում մի նավակով, որը կարճ ժամանակից հետո ջարդուփշուր է լինում ալիքների հետ ժայռերին խփվելով։ Այժմ նրանք ծովափով տասնհինգ ամիս թափառել էին վեր ու վար՝ առանց իմանալու, թե ի՛նչ ճանապարհով պետք է գնան, կամ ո՛րտեղ են գտնվում իրենք։ Ի՜նչ եզակի բարեբախտություն էր, որ այս նավահանգիստը հայտնաբերվեց։ Եթե այս մի հատիկ պատահականությունը չլիներ, նրանք պիտի թափառեին մինչև կատարյալ ծերանալը և վերջիվերջո ոչնչանային այս վայրի և անմարդաբնակ ափերում։ Նրանց տառապանքը շատ մեծ էր եղեի և նրանց խմբի անդամներից մեկն իր կյանքը կորցրել էր քարափից ցած գլորվելով։ Նրանք երբեմն ստիպված են եղել իրարից բաժանվել սնունդ փնտրելու համար,— ահա թե որտեղից կարող էր առաջանալ այն ճգնավորի խոտից պատրաստած անկողինը։ Նկատի ունենալով նրանց գլխին եկածը՝ ես կարծում եմ, որ նրանք կարողացել էին շատ լավ հաշվել ժամանակը, որովհետև նրանց հաշված ամսաթվի և իրական ամսաթվի մեջ եղած տարբերությունը չորս օր էր միայն։

Դեկտեմբերի 30.— Մենք խարիսխ գցեցինք մի անդորր փոքր ծոցում՝ մի քանի բարձր բլուրների տակին, Տրես Մոնտեսի ամենահյուսիսային ծայրին մոտ։ Հաջորդ առավոտը նախաճաշից հետո մի խումբ բարձրացավ այս սարերից մեկի գագաթը, որն ուներ 2400 ոտնաչափ բարձրություն։ Տեսարանը հետաքրքրական էր և ուշագրավ։ Լեռնաշարքի գլխավոր մասը կազմում էին գրանիտի մեծ, ամուր և գահավեժ զանգվածներ, որոնք այնպես էին թվում՝ կարծեք թե գոյություն են ունեցել աշխարհի սկզբից մինչև այժմ։ Գրանիտը ծածկված էր փայլարային թերթաքարերով, և երկար տարիների ընթացքում նա մաշվելով վերածվել էր մատնաձև տարօրինակ կետերի։ Այս երկու ֆորմացիաները, որոնք տարբերվում են իրենց ուրվագծերով, գրեթե զուրկ են բուսականությունից։ Երկար ժամանակ վարժված լինել ով մութ կանաչ ծառերի համատարած անտառներին՝ նրանց

լերկ տեսքն այժմ մեր աչքին շատ տարօրինակ էր երևում։ Ինձ մեծ հաճույք էր պատճառում այս լեռների հորինվածքն ուսումնասիրելը։ Այս բարդ և բարձր լեռնաշղթաներն արտահայտում էին վեհ դիմացկունություն և տևականություն, սակայն հավասարապես անօգուտ էին և՛ մարդու և՛ բոլոր այլ կենդանիների համար։ Երկրաբանի համար գրանիտը կլասիկ գետին է. շնորհիվ նրա լայն տարածականության և իր գեղեցիկ կոմպակտ հյուսվածքի շատ քիչ ապառներ կան, որ ավելի վաղ են հայտնի եղել մարդուն, քան գրանիտը։ Թերևս գրանիտն ավելի շատ դիսկուսիաներ է առաջացրել իր ծագման բացատրության վերաբերյալ, քան որևէ այլ ֆորմացիա։ Սովորաբար մենք դիտում ենք գրանիտը որպես հիմնական լեռնային ապառ, և ինչպես էլ առաջացած լինի նա, ինչ չափով որ մարդը կարողացել է թափանցել երկրի կեղևի խորքերը — գրանիտը հանդիսանում է ամենախորքի տեղադրումը։ Մարդկային գիտելիքների սահմանը որևէ խնդրի նկատմամբ մեծ հետաքրքրություններ է առաջացնում, որը թերևս ավելի է բորբոքվում, երբ վերջինս մոտենում է երևակայության սահմաններին։

Հունվարի 1, 1835.— Նոր տարին հայտնվում է այս շրջանների կլիմային հատուկ ցերեմոնիաներով։ Նա չի խաբում մեզ կեղծ հույսերով, հյուսիս-արևմտյան ուժեղ քամին միօրինակ անձրևով հայտնում է նոր տարվա գալը։ Փառք տիրոջը, մենք չենք մնալու այստեղ մինչև տարվա վերջը, այլ հուսով սպասում ենք, որ կլինենք Խաղաղ օվկիանոսում, սրտեղ կապույտ երկինքն ասում է, որ գոյություն ունի երկինք — մի բան մեր գլխի վերև, ամպերից այն կողմ։

Հաջորդ չորս օրը փչում էր հյուսիս-արևմտյան քամին. և մեզ հաջողվեց անցնել միայն մի մեծ ծովածոց. այնուհետև խարիսխ գցեցինք մի այլ ապահով նավահանգստում։ Կապիտանը նավակով գնում էր դեպի մի խորը խորշի վերջավորությունը, և ես ընկերակցում էի նրան։ Ճանապարհին շատ զարմանալի էր մեր տեսած փոկերի թիվը. հարթ ժայռերի յուրաքանչյուր մաս և ծովեզրի մի մասը ծածկված էր նրանցով։ Թվում էր, թե նրանք գտնվում են շատ խաղաղ տրամադրության մեջ և խոզերի նման իրար վրա կիտված՝ խորը քնել էին, մինչև անգամ խոզերը կամաչեին նրանց աղբից ու կեղտոտությունից և գարշելի հոտից, որը գալիս էր նրանցից։ Յուրաքանչյուր երամակի վրա հսկում էին կաթարտի (անգղ) համբերատար, բայց չարագուշակ աչքերը։

Այս զզվելի թռչունն իր ճաղատ և ծիրանագույն գլխով, որը կազմված է նեխվող մարմինների մեջ թավալելու համար, չափազանց տարածված է արևմտյան ափին և նրանց հսկելը փոկերի վրա ցույց է տալիս, թե ի՛նչն է կազմում նրանց սննդի հիմնական աղբյուրը։ Ջուրը (հավանաբար միայն մակերեսի շերտը) գրեթե անուշահամ էր. այս առաջանում էր այն բազմաթիվ հեղեղատներից, որոնք ջրվեժների ձևով, լերկ գրանիտային լեռների վրայով գլորվելով՝ թափվում էին ծովը։ Անուշահամ ջուրը հրապուրում է ձկներին, ուստի և այստեղ հավաքվում են բազմաթիվ ծովային ծիծեռնակներ, ճայեր և երկու տեսակ ծովագռավ։ Մենք տեսանք նաև մի զույգ գեղեցիկ, սև վզերով կարապ, ծովային և բազմաթիվ փոքր ջրասամույրներ, որոնց մուշտակը շատ բարձր է գնահատվում։ Վերադարձին մեզ նորից զվարճացրեց ջահել և ծեր փոկերի կույտերի շտապ ծովը թափվելը, երբ նավակն անցնում էր նրանց մոտով։ Նրանք երկար չմնացին ջրի տակ, այլ բարձրանալով երեսը՝ հետևեցին մեզ, պարզած վզերով, արտահայտելով մեծ զարմանք և հետաքրքրություն։

Հունվարի 7.— Շարունակելով մեր ընթացքն ափով՝ խարիսխ գցեցինք Չոնոսի արշիպելագի հյուսիսային ծայրում, Լոուի նավահանգստում, որտեղ մնացինք մի շաբաթ։ Կղզիներն այստեղ, ինչպես և Չիլոեում, կազմված էին փափուկ, ծովեզրյա շերտավոր նստվածքից, այս պատճառով էլ բուսականությունն սքանչելիորեն փարթամ էր։ Անտառներն իջնում էին մինչև ծովեզրը, ճիշտ այնպես, ինչպես մշտականաչ թփուտներն են զբոսարանների խճավոր ճանապարհների վրա։ Խարիսխ գցելով այստեղի մենք հնարավորություն ունեցանք վայելելու Կորդիլյերների չորս ձյունապատ մեծ կոների հոյակապ տեսաբանը, ներառյալ „el famoso Corcovado”-ն։ Լեռնաշղթան ինքնին այս լայնության. վրա այնքան ցածր է, որ մոտակա կղզիների գագաթների վրայից նրա քիչ մասերն էին երևում։ Այստեղ մենք հանդիպեցինք հինգ հոգուց բաղկացած կայլենցի մի խժբի, „el fin del Christiandad”-ից, որոնք հանդգնորեն կտրել եկել էին իրենց ողորմելի նավակներով ահագին տարածություն՝ նպատակ ունենալով ձուկ որսալու ծովի այն մասում, որը բաժանում է Չոնոսը Չիլոեից։ Ամենայն հավանականությամբ այս կղզիները կարճ ժամանակից հետո Չիլոեի ափին մոտիկ կղզիների նման բնակեցված կլինեն մարդկանցով։

Այս կղզիներում, ծովափին մոտիկ, ավազոտ և խեցավոր հողի վրա վայրի կարտոֆիլն աճում է մեծ առատությամբ։ Ամենաբարձր թուփն ուներ չորս ոտնաչափ բարձրություն։ Պալարները սովորաբար փոքր էին լինում, բայց ես գտա մի պալար, որը ձվաձև էր և երկու մատնաչափ տրամագիծ ուներ։ Այս կարտոֆիլները ամեն բանով նման էին անգլիական կարտոֆիլներին և ունեին միևնույն հոտը, բայց խաշելիս շատ էին կծկվում և ջրալի ու անհամ էին, առանց որևէ դառը համի։ Անկասկած այստեղ նրանք բնիկ բույսեր են. նրանց հարավային սահմանն, ըստ մր. Լոուի, հասնում է մինչև 50° լայնությունը, և այդ մասերում վայրենի հնդիկները նրանց անվանում են աքուինաս (Aquinas), բայց չիլոեցի հնդիկները բոլորովին այլ անուն են տալիս սրանց։ Պրոֆեսոր Հենսլոն, որն ուսումնասիրել է իմ բերած չոր նմուշները, ասում է, որ նրանք նույնն են, ինչ որ Վալպարայսոյում գտնվածները, որ նկարագրել է մր. Սեբայնը,[161] միայն թե սրանք կազմում են մի փոփոխակ, որ մի քանի բուսաբաններ առանձին տեսակ են համարում։ Հետաքրքրականն այն է, որ այդ նույն բույսը կարելի է գտնել և՛ Կենտրոնական Չիլիի անբերրի լեռներում, որտեղ ավելի քան վեց ամիս ոչ մի կաթիլ անձրև չի տեղում, և՛ այս հարավային կղզիների խոնավ անտառներում։

Չոնոսի արշիպելագի կենտրոնական մասերում (45° լայնություն) անտառն այնպիսի տեսք ունի, որը շատ նման է Հոռն հրվանդանից 600 մղոն դեպի հարավ ամբողջ արևմտյան ափով տարածվող անտառներին։ Այստեղ չկան Չիլոեի ծառանման խոտերը, մինչ Հրո Երկրի հաճարին բավականին լավ ու մեծ է աճում և կազմում է անտառի մի զգալի մասը, իհարկե ոչ այնպես համատարած, ինչպես այդ հարավումն է։ Կրիպտոգամային բույսերն այստեղ գտնում են իրենց համար շատ համապատասխան, կլիմա։ Մագելլանի նեղուցում, ինչպես ես նշել եմ սկզբում, երկիրն ըստ երևույթին այս բույսերի լրիվ զարգացման համար չափազանց ցուրտ է և խոնավ, բայց այս կղզիներում, անտառներում մամուռների, քարաքոսների և փոքր պտերի տեսակների թիվը և առատությունը հասնում է ապշեցուցիչ չափերի։[162] Հրո Երկրում ծառերն աճում են միայն բլուրների լանջերին, երկրի յուրաքանչյուր հարթ հողաբաժին անփոփոխ ծածկված է տորֆի հասա շերտով, բայց Չիլոեում հարթ տարածությունների վրա աճում են ամենափարթամ անտառներ։ Այստեղ, Չոնոսի արշիպելագում, կլիման իր բնույթով շատ ավելի մոտիկ է Հրո Երկրի կլիմային, քան հյուսիսային Չիլոեի կլիման, որովհետև հարթ գետնի յուրաքանչյուր մաս ծածկված է բուսական երկու տեսակներով (Astelia pumlila ե Donatia magellanica), որոնք իրենց քայքայումով առաձգական տորֆի հաստ շերտ են կազմում։

Հրո Երկրում, անտառային գոտուց վերև այս մեծապես համակյաց երկու բույսերից առաջինը տորֆ առաջացնելու ամենագլխավոր գործոնն է։ Կենտրոնական ուղղարմատի շուրջն իրար հետևից անընդհատ հաջորդում են թարմ տերևներ. ներքևի տերևները շուտով քայքայվում են, և եթե մեկը մի որևէ արմատի հետքերով դեպի ներքև դիտողություն կատարի, որտեղ տերևները դեռ պահում են իրենց դիրքը, կնկատի քայքայման բոլոր աստիճանները, մինչև որ ամբողջը խառնվելով՝ կկազմի մի ընդհանուր խառն զանգված։ Աստելիային միանում են մի քանի այլ բույսեր. այս ու այն կողմ մի փոքր սողացող Myrtus (M. nummularia), մեր հավամրդու նման փայտյա ցողունով և քաղցր հատապտղով, մի Empetrum (E. rubrum), մեր ցախի նման, և մի տեսակ եղեգ (Juncus grandiflorus) գրեթե կազմում են միակ բույսերը, որոնք աճում են ճահճոտ մակերեսին։ Թեև այս բույսերը խիստ մոտիկ ընդհանուր նմանություն ունեն միևնույն սեռերի անգլիական տեսակների հետ, բայց տարբեր են նրանցից։ Երկրի համեմատաբար ավելի հարթ մասերում տորֆի մակերեսը տեղ-տեղ վերածվել է ջրի փոքրիկ լճակների, որոնք գտնվում են տարբեր բարձրություններում և այնպիսի տեսք ունեն, կարծեք թե արհեստականորեն են փորված։ Ջրի այն հոսանքները, որոնք հոսում են գետնի տակով, լրացնում են բուսական նյութերի քայքայումը և պնդացնում են ամբողջ զանգվածը։

Ամերիկայի հարավային մասի կլիման ըստ երևույթին մասնավորապես նպաստավոր է տորֆ առաջանալու համար։ Ֆալկլանդական կղզիներում գրեթե յուրաքանչյուր տեսակ բույս, մինչև անգամ կոշտ կանաչ խոտը, որը բռնում է երկրի ամբողջ մակերեսը, փոխարկվում է այս նյութին. հազիվ թե որևէ պայման արգելակի նրա աճումը. շերտերից մի քանիսն ունեն տասներկու ոտնաչափ հաստություն, և ցածի մասը չորացնելիս այնքան է կարծրանում, որ շատ դժվարությամբ է այրվում։ Թեև յուրաքանչյուր բույս հանդես է բերում իր օժանդակությանը, բայց բազմաթիվ շրջաններում գլխավոր գործոնը Asfelia-ն է։ Նշանակալի է այն, որ Հարավային Ամերիկայում ոչ մի տեղ ես չտեսա, որ մամուռը քայքայվելով կազմեր տորֆի մի մասը, որ բոլորովին տարբերվում է Եվրոպայում տեղի ունեցող երևույթից։ Ինչ վերաբերում է հյուսիսային սահմանին, որտեղ կլիման թույլ է տալիս այդ յուրահատուկ ձևի դանդաղ քայքայումը, որն անհրաժեշտ է նրա առաջացման համար, իմ կարծիքով՝ այդ վերջանում է Չիլոեում (41°-ից 42° լայնություն), որտեղ թեև շատ ճահճոտ տարածություններ կան, բայց լավ բնորոշ տորֆի չենք պատահել. բայց Չոնոսի կղզիներում, երեք աստիճան հարավ, մենք տեսանք, որ նա շատ առատ է։ Արևելյան ափին Լա Պլատայում (35° լայնութ.), մի սպանացի բնակիչ, որը եղել է Իռլանդիայում, ինձ ասել է, որ նա շատ է փնտրել այս նյութը, բայց ոչ մի տեղ չի գտել։ Որպես այդ նյութին ամենամոտիկ մի բան նա ինձ ցույց է տվել իր հայտնաբերած տորֆանման սև հողը, որի մեջ այնքան արմատներ էին թափանցել, որ վերին աստիճանի դանդաղ և վատ էր այրվում։

Չոնոսի արշիպելագի այս ցրված կղզյակների կենդանական աշխարհը, ինչպես այդ կարելի է սպասել, չափազանց աղքատ է։ Չորքոտանիներից տարածված են երկու ջրային տեսակներ, Myopetamus Coypus-ը (որը նման է կուղբի, բայց կլոր պոչ ունի) շնորհիվ իր ընտիր մորթի բավականին հայտնի կենդանի է, նրա մաշկը Լա Պլատայի բոլոր վտակների վրա առևտրի առարկա է։ Այստեղ նա բացառապես հաճախում է աղի ջրերը. միևնույն առանձնահատկությունը, ինչպես արդեն հիշատակված է, նկատվում է և մեծ կրծող կապիբարայի մոտ։ Չափազանց առատ է ծովասամույրի մի տեսակը. այս կենդանին սոսկ ձկնով չի սնվում, այլ նրա սննդի մի գլխավոր մասը, փոկերի սննդի նման, կազմում է մի կարմիր փոքր խեչափառ, որը լողում է ծանծաղուտներում, ջրի մակերեսից ոչ խորը։ Մր. Բայնոն տեսել է Հրո Երկրում մեկին՝ թանաքաձուկ ուտելիս, և Լոուի նավահանգստում, տեսել են մի ծովասամույր, երբ նա դեպի իր բունն է տանելիս լինում մի մեծ Voluta խխունջ։ Մի տեղ թակարդով ես բռնեցի մի բացառիկ փոքր մուկ (M. brachiotis). երևում էր, որ այս շատ է տարածված բազմաթիվ կղզիների վրա, բայց Լոուի նավահանգստի բնակիչներն ասում էին, որ այդ մկներից բոլոր կղզիներում չկան։ Բախտի ի՞նչ հաջորդականություն[163] կամ մակերեսի ի՞նչ փոփոխություն պետք է տեղի ունեցած լինի, որ այս փոքրիկ կենդանիները տարածվեն այս ամբողջ կտրատված արշիպելագի վրա։

Չիլոեի և Չոնոսի բոլոր մասերում տարածված են երկու չափազանց տարօրինակ թռչուններ, որոնք ազգակից են և փոխարինում են կենտրոնական Չիլիի տուրկոյին և տապակոլոյին։ Մեկին տեղացիներն անվանում են «չեյկաու» (Pteroptochos rubecula). նա հաճախակի այցելու մ է խոնավ անտառների ամենամռայլ և ամենամեկուսացած տեղերը։ Թեև երբեմն նրա ձայնը կարելի է լսել շատ մոտիկից, բայց նա չի երևա, որչափ էլ դիտողն ուշադիր նայի ձայնի ուղղությամբ. այլ դեպքերում, երբ դիտողն անշարժ կանգնում է. այս կարմրալանջ թռչունը մոտենում է նրան, մինչև նրանց հեռավորությունը մի քանի ոտնաչափ է լինում, վերին աստիճանի մտերմական, համարձակ։ Ապա եռանդով ցատկոտում է փտող եղեգների և ճյուղերի խառնիճաղանճ զանգվածների մեջ՝ փոքրիկ պոչը վեր պահած։ Չեյկաուն իր տարօրինակ և տարբեր ձայների շնորհիվ սնապաշտական երկյուղներ է առաջացնում Չիլոեի բնակիչների մեջ։ Երեք շատ պարզ ու որոշ ձայն է հանում. մեկը կոչվում է «չիդուկո» և բարի նշան է համարվում, մի ուրիշը՝ «hnւիտրեու», որը ծայր աստիճան ձախորդություն է նշանակում. իսկ երրորդ ձայնի իմաստը մոռացել եմ։ Այս բառերն ստացվում են ձայների նմանողությունից, և տեղացիները որոշ բաներում բացարձակորեն առաջնորդվում են սրանցով։ Չիլոեի բնակիչներն անկասկած մի վերին աստիճանի կոմիկ փոքր արարածի ընտրել են որպես իրենց մարգարե։ Մի այլ թռչուն, որն ազգակից է սրան, բայց ավելի մեծ, տեղացիներն անվանում են «գուիդ-գուիդ» (Pteroptochos Tarnii), իսկ անգլիացիները նրան անվանում են հաջող թռչուն։ Այս վերջին անունը շատ հարմար է սրան, որովհետև չի կարող լինել մեկը, որ որոշակի չզգա, որ այդ մի փոքրիկ շուն է կաղկանձում անտառում։ Չեյկաուի նման այս թռչունն էլ լավ թաքնվում է. մեկը կարող է նրա հաջոցը լսել շատ մոտիկից, բայց դիտելով կամ մացառներին խփելով թռչունը տեսնելու բոլոր փորձերն իզուր են. մինչդեռ այլ դեպքերում գուիդ-գուիդն անվախ մոտ է գալիս։ Նրա սնվելու եղանակը և ընդհանուր սովորությունները շատ նման են չեյկաուին։

Ծովափին[164] շատ տարածված է մի փոքրիկ, մութ դույնի թռչուն (Opetiorhynchus Patagonicus)։ Այս նշանավոր է իր հանդարտ սովորություններով. նա ամբողջովին ապրում է ծովափին, ինչպես ծովային կտցարը։ Բացի այս թռչուններից, ուրիշ շատ քիչ թռչուններ են ապրում այս ցրված կղզիներում։ Իմ թռուցիկ նշումների մեջ ես նկարագրել եմ այդ տարօրինակ ձայները, որոնք թեև հաճախ են լսվում այս մռայլ անտառներում, բայց հազիվ թե խանգարում են ընդհանուր լռությունը։ Գուիդ-գուիդի կաղկանձը և չեյկաուի հանկարծակի բարձրացող հյու-հյուն երբեմն գալիս են շատ հեռվից, իսկ երբեմն էլ չափազանց մոտիկից։ Նրա ձայնի վրա երբեմն ավելանում է Հրո Երկրի սև ցախսարեկի ձայնը. այս ինքնակոչին ճչալով և ճռվողելով հետևում է մի փայտփորիկ (Oxyurus). երբմն երևում է հծծող թռչունը (կոլիբրի), որը նետի նման թռչում է մի կողմից մի ուրիշ կողմ՝ արձակելով, միջատի նման, իր սուր ճռվողյունը, վերջապես, կարելի է լսել մի բարձր ծառի գագաթից սպիտակ փուփուլիկով բռնակալ ճանճորսի (Myiobius) ողբագին ձայնը։

Նկատի ունենալով, որ շատ երկրներում մեծ չափով գերակշռում են որոշ տարածված սեռերի թռչուններ, ինչպես սարեկներն են, ապա սկզբում զարմանալի է թվում, երբ մարդ հանդիպում է վերը թված յուրահատուկ ձևերին, որպես շրջանի ամենատարածված թռչուններ։ Կենտրոնական Չիլիում սրանցից երկուսը, այն է՝ Oxyurus-ը և Scytalopus-ը, գտնվում են շատ քիչ թվով։ Այս դեպքերում, երբ մեկը հանդիպում է կենդանիների, որոնք կարծեք թե չափազանց աննշան դեր են խաղում բնության մեծ սխեմայում, իրեն հարց է տալիս, թե ինչո՛ւ են ստեղծվել դրանք։ Բայց պետք է միշտ նկատի ունենալ, որ մի ուրիշ երկրում նրանք գուցե կազմում են համայնքի գլխավոր մասը, կամ գուցե անցյալ մի պերիոդում գերակշռող ձևեր են եղել։ Եթե Ամերիկան 37°-ից հարավ սուզվեր օվկիանոսի ջրի տակ, այս երկու թռչունները կշարունակեին երկար ժամանակ գոյություն ունենալ Կենտրոնական Չիլիում, բայց ոչ մի հավանականություն չկա ասելու, որ նրանց թիվը կմեծանար։ Այսպիսով մենք կտեսնեինք մի դեպք, որն անխուսափելիորեն պատահած կլինի բազմաթիվ կենդանիների հետ։

Այս հարավային ծովերն են այցելում մի քանի տեսակ մրրկահավեր. ամենամեծ տեսակը, Procellaria gigantea (սպաներեն quebrantahuesos կամ ոսկրաբեկ), ամենատարածված տեսակն է և՛ ներցամաքային ջրանցքներում, և՛ բաց ծովում։ Իր սովորություններով և թռիչքի ձևով նա շատ է նմանվում ալբատրոսին, և ալբատրոսի նման մեկը կարող է ժամերով դիտել սրան՝ առանց իմանալու, թե ինչով է սնվում նա։ Սակայն «ոսկրաբեկը» գիշատիչ թռչուն է, որովհետև սպաներից մի քանիսը Սեն Անտոնիո նավահանգստում տեսել են այս թռչունը մի ջրասույզի (թռչուն) հալածելիս. հալածվող թռչունը փորձել է փախչել սուզվելով և թռչելով, բայց միշտ հարվածներ է ստացել, և վերջն ստանալով մի ուժեղ հարված գլխից՝ սատկել է։ Սեն Խուլիան նավահանգստում այս մեծ մրրկահավերին տեսել են ճայի ձագեր սպանելիս և լափելիս։ Մի երկրորդ տեսակ (Puffinus cinereus), որը տարածված է Եվրոպայում, Հոռն հրվանդանում և Պերուի ափերին, շատ ավելի փոքր է, քան P. gigantea-ն, բայց նրա նման կեղտոտ սև գույն ունի։ Սովորաբար նա շատ մեծ խմբերով հաճախում է ներցամաքային խորշերը։ Ես կարծում եմ, որ երբևէ չեմ տեսել որևէ մեկ տեսակի այնքան շատ թռչուններ իրար մոտ հավաքված, ինչպես ես տեսա այս թռչունների մի խումբ Չիլոե կղզու հետևը։ Հարյուր-հազարավոր թռչուններ իրար ետևից, անկանոն, ժամերով թռչում էին մի ուղղությամբ։ Երբ այս երամի մի մասն իջավ ջրի վրա, նրա մակերեսը սևացավ, այնուհետև սկսվեց նրանց ձայնը, որը նման էր հեռվում խոսող մարդկային ձայնի։

Մրրկահավերի մի քանի այլ տեսակներ ևս կան, բայց ես միայն հիշատակելու եմ մեկը՝ Pelecanoides Berardi-ին, որը մի փայլուն օրինակ է հանդիսանում այն տարօրինակ դեպքերի, երբ մի թռչուն ակներևաբար պատկանելով մի լավ հայտնի ընտանիքի՝ իր սովորություններս ու կառուցվածքով մոտենում է մի շատ տարբեր ընտանիքի։ Այս թռչունը երբեք ներցամաքային խաղաղ խորշերից դուրս չի գալիս։ Երբ նրան անհանգստացնում են, նա սուզվում է որոշ հեռավորության վրա և մակերեսը բարձրանալով՝ միևնույն շարժումով թռչում է։ Իր կարճ թևերի արագ շարժումներով ուղիղ գծով որոշ տարածություն թռչելուց հետո նա վայր է ընկնում, կարծես սպանված լինի, և նորից սուզվում է։ Նրա կտուցի և ռունգների ձևը, ոտքի երկարությունը և մինչև անգամ փետուրների գունավորումը ցույց են տալիս, որ այս թռչունը մրրկահավ է։ Մյուս կողմից՝ նրա կարճ թևերը և այդ պատճառով թռիչքների փոքր կարողությունը, մարմնի և պոչի ձևը, ոտքի մի վերջնամասի բացակայությունը, սուզվելու սովորությունը և բնակվելու տեղի ընտրությունը կասկած են առաջացնում, թև արդյոք նրա ազգակցությունը բազեի հետ հավասարապես մոտիկ չէ՞։ Անկասկած այն կարելի է շփոթել բազեի հետ, երբ նրան տեսնում են հեռվից թռչելիս կամ սուզվելիս և Հրո Երկրի մեկուսացած կանալներում հանգիստ լողալիս։


ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՉԻԼՈԵ ԵՎ ԿՈՍԵՊՍԻՈՆ. ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺ

Սան-Կարլոս, Չիլոե.— Օսորնոն Ակոնգակուայի և Կոսեգուինայի հետ միամամանակ գործելիս (ժայթքելիս).— Ուղևորություն դեպի Կուկաո.— Անանցանելի անտառներ.— Վալդիվիա.— Հնդիկներ.— Երկրաշարժ.— Կոնսեպսիոն.— Ուժեղ երկրաշարժ.— Հերձված ապառներ.— Քաղաքների տեսքը երկրաշարժից հետո.— Մթագնած և փրփրացող ծովը.— Տատանումների ուղղությունը.— Ոլորված քարեր.— Մեծ ալիք.— Ցամաքի մշտական բարձրացումը.— Հրաբխային գործունեության տարածույթը.— Ժայթքման և բարձրացնող ուժերի մեջ գոյություն ունեցող կապը.— Երկրաշարժների պատճառը.— Լեռնաշղթաների դանդաղ բարձրացումը։

Հունվարի 15-ին Լոուի նավահանգստից դուրս գալով՝ երեք օր հետո երկրորդ անգամ խարիսխ գցեցինք Չիլոեի Սան Կարլոսի ծոցում։ 19-ի գիշերն Օսորնո հրաբուխն սկսեց գործել։ Կես գիշերին պահակը նկատել էր մեծ աստղի նման մի բան, որը ծավալով հետզհետե մեծանալով մինչև մոտ ժամը 3-ը արդեն ներկայացնում էր վերին աստիճանի հոյակապ տեսարան։ Կարմիր հրավառ լույսի մեջ հեռադիտակով երևում էին անընդհատ իրար հաջորդող մութ առարկաներ, որոնք նետվում էին վերև և ընկնում ներքև։ Այդ լույսն այնպես ուժեղ էր, որ ջրի վրա մի երկար ու պայծառ ցոլք էր գցել։ Կորդիլյերների այդ մասում խառնարաններն ըստ երևույթին շատ հաճախ արտավիժում են հալված նյութի մեծ զանգվածներ։ Ինձ ասում էին, որ Կորկովադոյի ժայթքման ժամանակ վեր են նետվում մեծ զանգվածներ և երևում է, թե ինչպես այդ զանգվածները պայթում են օդի մեջ՝ ստանալով բազմաթիվ ֆանտաստիկ ձևեր, ինչպես, օրինակ, ծառի. սրանց ծավալը պետք է որ շատ մեծ լինի, որովհետև սրանք որոշակի երևում են Սան Կարլոսի հետևի բարձունքից, որն առնվազն իննսուներեք մղոն հեռու էր Կորկովադոյից։ Առավոտյան հրաբուխը հանդարտվեց։

Հետագայում ես զարմացել էի, երբ լսեցի, որ Չիլիում Ակոնդակուան, որը 480 մղոն ավելի հյուսիս է գտնվում, նույնպես ժայթքել էր միևնույն գիշերը. զարմանքս ավելի մեծ եղավ, երբ իմացա, որ նույն ժամանակից վեց ժամ հետո 1000 մղոնի վրա զգացվող երկրաշարժի հետ միասին ժայթքել էր և Կսսեգուինան, որը 2700 մղոն Ակոնգակուայից հյուսիս է։ Այդ զուգադիպությունը շատ ավելի նշանակալի է դառնում նրանով, որ Կոսեգուինան դրանից առաջ քսանվեց տարի քնած է եղել և չի գործել, իսկ Ակոնգակուան շատ հազվադեպ է ցույց տալիս գործունեության նշաններ։ Դժվար է մինչև անգամ ենթադրել, թե այս զուգագիպությունը պատահական էր, թե որոշ ստորերկրյա կապ կա սրանց մեջ։ Եթե Վեզուվը, Էթնան և Իսլանդիայում Հեկլան (երեքն էլ համեմատաբար ավելի մոտիկ իրար, քան համապատասխան կետերը հարավային Ամերիկայում) հանկարծակի ժայթքեին միևնույն գիշերը, այդ զուգադիպությունը շատ նշանակալի դեպք կհամարվեր, բայց այս դեպքը շատ ավելի նշանավոր է, որովհետև այստեղ երեք հրաբխային անցքերն ընկնում են միևնույն մեծ լեռնաշղթայի վրա, և արևելյան ամբողջ ծովափի երկայնքով ընդարձակ հարթավայրերը, իսկ արևմտյան ափի երկայնքով 2000 մղոնից ավելի տարածության վրա ժամանակակից բարձրացած խեցիները ցույց են տալիս, թե ինչպիսի հավասար և իրար հետ կապված ձևով են ներգործել բարձրացող ուժերը։

Կապիտան Ֆից Ռոյը ցանկանալով անպայման մի քանի ուսումնասիրություններ կատարել Չիլոեի արտաքին ափի վերաբերյալ, որոշեց, որ մր. Կինգը և ես ուղևորվենք Կաստրո և այնտեղից կղզին կտրելով գնանք Կապելլա դե Կուկաս, որը գտնվում է արևմտյան ափին։ Վարձելով ձիեր և մեկ ուղեկցող՝ 22-ի առավոտյան ճանապարհ ընկանք։ Դեռ շատ չէինք հեռացել, երբ մեզ միացան մի կին և երկու, երեխա, որոնք գնում էին միևնույն ուղղությամբ։ Այս ճանապարհին ամեն ոք «բարև, բարեկամ, բարի հանդիպում»-ով է դիմավորում ձեզ, և այստեղ մարդ վայելում է առանց հրազենի ճանապարհորդելու առավելությունը, որը շատ հազվադեպ է Հարավային Ամերիկայում։ Սկզբում մեր անցած տարածությունը կազմված էր իրար հաջորդող բլուրներից և հովիտներից, բայց Կաստրոյին մոտենալիս բոլորովին հարթ դարձավ։ Ճանապարհն ըստ ինքյան շատ հետաքրքրական է. նա իր ամբողջ երկայնքով, բացառությամբ միայն մի քանի փոքր մասերի, կազմված է փայտի մեծ կոճղերից, որոնք կամ լայն են և դրված են երկարաձիգ, կամ նեղ են և դրված են լայնքով։ Ամառը ճանապարհն այնքան վատ չէ, բայց ձմեռը, երբ փայտն անձրևից լպրծուն է դառնում, ճանապարհորդելը վերին աստիճանի դժվարանում է։ Տարվա այդ ժամանակը ճանապարհի երկու կողքերը ճահճի են վերածվում և հաճախ հեղեղվում, այս պատճառով էլ անհրաժեշտ է երկայնությամբ դրված կոճղերն ամրացնել գետնին լայնական ձողերով, որ երկու կողմերով սեպարկում են գետնին։ Այս սեպերը վտանգավոր են ձիուց ընկնողի համար, որովհետև նրանց վրա ընկնելու առիթները քիչ չեն։ Զարմանալի է, թե ինչ ճարպիկ սովորություններ են ձեռք բերել չիլոեցինեբի ձիերը։ Վատ մասերից անցնելիս, որտեղ կոճղերը դուրս են եկել, նրանք ցատկում էին մի փայտից մյուսը գրեթե այնպիսի արագությամբ և ճշգրիտ կերպով, որ կարծեք թե շուն լինեն։ Երկու կողմից էլ ճանապարհը եզերում են անտառային բարձր ծառեր, որոնց հիմքերը խճճված և միացած են եղեգներով։ Երբ երբեմն առիթ էր լինում դիտել մի երկարող ծառուղի, ստացվում էր միօրինակության հետաքրքրական պատկեր. կոճղերի սպիտակ գիծը, որը հեռվում նեղանում էր, թաքնվում էր մռայլ անտառի մեջ կամ թե վերջանում էր զիգզագով, որը բարձրանում էր զառիվեր բլրով։

Թեև Սան Կարլոսից մինչև Կաստրո հեռավորությունն ուղիղ գծով տասներկու մղոն է, այնուամենայնիվ այս ճանապարհի կառուցումը պետք է որ բավականին երկար աշխատանքի արդյունք լինի։ Ինձ պատմում էին, որ մի քանի մարդ անցյալում այդ անտառներով անցնելու փորձ անելով զրկվել են իրենց կյանքից։ Առաջին մարդը, որին հաջողվել է, մի հնդիկ է եղել, որն իր ճանապարհին ընկած եղեգները կտրելով՝ Սան Կարլոս է հասել ութն օրից. որպես հատուցում՝ սպանական կառավարությունը նրան շնորհել է հողամաս։ Ամառը շատ հնդիկներ թափառում են այդ անտառներում (գլխավորապես բարձր մասերում, որտեղ ծառերն այնքան խիտ չեն) կիսավայրենի խոշոր եղջերավոր անասուններ գտնելու նպատակով, որոնք սնվում են եղեգնի և մի շարք ծառերի տերևներով։ Այս որսորդներից մեկը եղել է այն մարդը, որը մի քանի տարի առաջ պատահմամբ հայտնաբերել է անգլիական մի նավ, որը խորտակված է եղել արտաքին ափին։ Նավի անձնակազմի պաշարն սպառվելու վրա է լինում, և չի կարելի ենթադրել, որ առանց այս մարդու օգնության նրանք երբևէ կկարողանային ազատվել այս գրեթե կատարելապես անանցանելի անտառներից։ Նրանցից մեկն արդեն մեռել էր ճանապարհին հոգնածությունից։ Այս ճանապարհորդությունների ժամանակ հնդիկները ղեկավարվում են արևով, այնպես որ եթե շարունակ ամպամած եղանակ լինի, նքանք չեն կարող ճանապարհորդել։

Օրը գեղեցիկ էր, և բազմաթիվ ծառեր, որոնք լրիվ ծաղկել էին, օծել էին օդն անուշ բուրմունքով, սակայն մինչև անգամ այդ չէր կարողանում ցրել մռայլ և խոնավ անտառի տպավորությունը։ Բացի այդ, բազմաթիվ մեռած ծառերի բները, որոնք կանգնած են լինում կմախքի նման, այս նախնական անտառներին տալիս են առանձին հանդիսավորություն,— մի բան, որը բացակայում է վաղուց քաղաքակրթված երկրի անտառներում։ Արևը մայր մտնելուց անմիջապես հետո մենք ցած եկանք մի բացօթյա տեղ գիշերելու։ Մեր ընկերակցուհին, որը բավականին համակրելի տեսք ուներ, պատկանում էր Կաստրոյի ամևնապատվելի ընտանիքներից մեկին։ Չնայած իր կին լինելուն նա հեծնում էր տղամարդու ձևի, առանց գուլպայի և կոշկի, ես զարմացել էի, թե ինչպես ոչ ինքը և ոչ էլ իր եղբայրը հպարտության ոչ մի նշան չէին ցույց տալիս։ Նրանք իրենց հետ բերել էին իրենց սնունդը, բայց երբ նստում էինք ուտելու, նրանք անընդհատ նայում էին մր. Կինգին և ինձ, մինչև մենք կատարելապես ամաչելով ստիպվում էինք կերակրել ամբողջ խումբը։ Գիշերն անամպ էր, և մեր անկողիններում պառկած՝ մենք վայելում էինք այն բազմաթիվ աստղերի տեսարանը, որոնք լուսավորում էին անտառային մթությունը, և այս բարձր վայելք է։

Հունվարի 23.— Առավոտյան բավականին վաղ վեր կացանք և ժամը երկուսին հասանք գեղեցիկ և խաղաղ, փոքրիկ Կաստրո քաղաքը։ Մեր առաջին այցելությունից հետո նախկին ծեր նահանգապետը մեռել էր, և նրան փոխարինում էր մի չիլիեցի։ Մենք մի հանձնարարական նամակ ունեինք՝ ուղղված Դոն Պեդրոյին, որը վերին աստիճանի հյուրասեր էր ու բարի և շատ ավելի անշահասեր, քան սովորաբար լինում են հարավային Ամերիկայի այս կողմերում։ Մյուս օրը Դոն Պեդրոն մեզ համար ճարեց նոր ձիեր և առաջարկեց ինքն անձամբ ընկերանալ մեզ։ Մենք շարժվում էինք դեպի հարավ, սովորաբար հետևելով ափին և անցնելով մի քանի գյուղակների միջով, որոնք բոլորն էլ ունեին մեծ մարագանման մատուռներ՝ փայտից շինված։ Վիլիպիլիում Դոն Պեդրոն խնդրեց կոմենդանտից՝ մեզ մի առաջնորդ տալ Կուկաո գնալու համար։ Ծեր ջենտլմենն առաջարկեց ինքն անձամբ գալ մեզ հետ, բայց երկար ժամանակ հնարավոր չէր լինում համոզել նրան, որ երկու անգլիացիներն իրոք ցանկանում են գնալ այնպիսի մեկուսացած և ճանապարհից դուրս ընկած վայր, ինչպես Կուկաոն է։ Այսպիսով մեզ ընկերակցում էին այդ երկրի երկու ամենամեծ արիստոկրատները, որ

պարզ երևում էր նրանց նկատմամբ բոլոր աղքատ հնդիկների տածած վերաբերմունքի մեջ։ Չոնչիից մենք բռնեցինք կղզու միջով անցնող ուղղությունը, հետևելով խառնաշփոթ և ոլորապտույտ շավիղների, երբեմն անցնելով շքեղ անտառներով և երբեմն էլ լավ մաքրված տեղերով, որտեղ առատ աճում, էին եգիպտացորենն ու կարտոֆիլը։ Այս անտառապատ ալիքավոր երկիրը, որը մասամբ մշակվում էր, ինձ հիշեցնում էր Անգլիայի համեմատաբար ամայի մասերը և այդ պատճառով էլ իմ աչքին առանձին հմայիչ տեսք էր ստանում։ Վիլինկոյում, որը գտնվում է Կուկաո լճի եզրերին, շատ քիչ մշակված դաշտեր կային, և բոլոր բնակիչներն ըստ երևույթին հնդիկներ էին։ Այս լճի երկարությունը տասներկու մղոն է և ձգվում է արևելյան և արևմտյան ուղղությամբ։ Տեղական պայմանների շնորհիվ ծովի զեփյուռը շատ կանոնավոր փչում է ցերեկը, իսկ գիշերը հանդարտում է. այս բանը տեղիք է տվել բազմաթիվ չափազանցությունների, որովհետև, ինչպես մեզ նկարագրում էին Սան Կարլոսում, այդ երևույթը կատարյալ անսովոր էր համարվում։

Կսւկաո տանող ճանապարհն այնքան վատ էր, որ մենք մտադրվեցինք այնտեղ գնալ ջրային ճանապարհով, պերիագվայով։[165] Կոմենդանտն ամենահեղինակավոր տոնով հրամայեց վեց հնդիկների պատրաստվել՝ մեզ այնտեղ տանելու, չբարեհաճելով ասել, թե դրա համար վարձատրություն լինելու էր, թե ոչ։ Պերիագուան բավականին կոպիտ և տարօրինակ նավակ է, բայց նավակազմն ավելի տարօրինակ էր. կասկածելի է, թե բացի սրանից երբևէ վեց ավելի տգեղ և կարճահասակ մարդիկ եղե՞լ են միասին մի նավակում։ Սակայն պետք է ասել, որ նրանք շատ լավ և ուրախ տրամադրությամբ թիավարեցին։ Թիավարը շաղակրատում էր հնդկերեն և արձակում տարօրինակ ձայներ, որոնք շատ նման էին խոզարածի ձայնին, որ վերջինս հանում է խոզերը քշելիս։ Ճանապարհ ընկնելիս մեր առաջից փչում էր մի թեթև զեփյուռ, բայց և այնպես Կապելլա դե Կուկաո հասանք ժամանակից դեռ մի քիչ էլ վաղ, լճի բոլոր կողմերումն էլ երկիրը ծածկված էր համատարած անտառներով։ Մեղ հետ միևնույն պերիագուայում գտնվում էր և մի կով։ Այսպիսի մի մեծ կենդանի մի փոքր նավակում տեղավորելն սկզբում դժվար է թվում, բայց հնդիկներն այդ կատարեցին մի րոպեում։ Նրանք նավը բերին կովի կողքը, որը կանգնած էր նավի երկայնությամբ. այնուհետև նրա փորի տակ տեղավորելով երկու թիակ, որոնց ծայրերը գտնվում էին նավի կողքին, այս լծակների օգնությամբ նրանք հաջող կերպով կովը գլորեցին նավակը, ոտները վերև տնկած, և ապա պարաններով կապոտեցին նրան։ Կուկաոյում գտանք մի անմարդաբնակ խրճիթ (որը հոգևոր պետի ռեզիդենցիան է, երբ նա այցելում է այս կապելլան), որտեղ մի խարույկ պատրաստելով եփեցինք մեր ընթրիքը, մենք շատ հանգիստ էինք զգում մեզ։

Կուկաոյի շրջանը Չիլոեի ամբողջ արևմտյան ափի միակ բնակված վայրն է։ Այստեղ ապրում են մոտ երեսուն կամ քառասուն հնդիկ ընտանիք, որոնք տարածված են ափին չորս-հինգ մղոնի երկարության վրա։ Սրանք բոլորովին կտրված են Չիլոեի մնացած մասերից և հազիվ թե որևէ տեսակի առևտուր ունենան, եթե չհաշվենք երբեմն տեղի ունեցող յուղի առևտուրը, որն ստանում են փոկի ճարպից։ Նքանք բավականին լավ են հագնվում, հագուստը պատրաստում են իրենք, և ուտելու առատ պաշար ունեն։ Այնուամենայնիվ նրանք դժգոհ էին իրենց վիճակից, միաժամանակ այն աստիճան խոնարհ էին, որ ականատես լինելը կատարյալ տանջանք էր։ Այս զգացմունքները, կարծում եմ, պետք է վերագրել իրենց կառավարողների կոպիտ, խիստ և լիազորված վերաբերմունքին։ Մեր ընկերակիցները թեև շատ քաղաքավարի էին դեպի մեզ, բայց խեղճ հնդիկների հետ վարվում էին այնպես, ինչպես ստրուկների հետ. նրանք հրամայում էին ուտելիք և ձիեր բերել՝ չբարեհաճելով հարցնել, թե ո՛րքան պետք է վճարեն, կամ չասելով, թե փոխարենը վճարելու են, թե ոչ։ Առավոտյան մնալով մենակ այս խեղճ հնդիկների հետ, շուտով մտերմացանք նրանց հետ՝ սիգար և մաթե նվիրելով։ Բոլոր ներկա եղողներին բաժանեցինք շաքարի կտորներ, որը ուտում էին մեծ հետաքրքրությամբ։ Հնդիկներն իրենց ամբողջ տրտունջը վերջացրին հետևյալ նախադասություններով. «Այդ բոլորի պատճառն այն է, որ մենք խեղճ ու աղքատ հնդիկներ ենք և ոչինչ չգիտենք, բայց այդպես չէր, երբ թագավոր ունեինք»։

Մյուս օրը նախաճաշից հետո ձիերով մի քանի մղոն շարժվեցինք հյուսիս՝ Պունտա Հուանտամո։ Ճանապարհն անցնում էր մի շատ լայն ծովափով, որի վրա մինչև անգամ մի քանի լավ օրերից հետո սոսկալի ալեբախում էր տեղի ունենում. ինձ հավատացնում էին, որ ուժեղ փոթորկից հետո ալիքների շառաչը գիշերը կարելի էր լսել մինչև անգամ Կաստրոյում,— մի հեռավորություն, որը բլուրների և անտառապատ երկրի վրայով ծովային քսանմեկ մղոնից պակաս չէ։ Բավականին նեղություններ կրեցինք, մինչև տեղ հասանք. շավիղներն անտանելիորեն վատ էին, որովհետև ստվերում ամենուրեք գետինը շուտով վերածվում է կատարյալ ճահճի։ Պունտա Հուանտամոն ինքնին ներկայացնում է դուրս ցցված ժայռոտ մի բլուր։ Նա ծածկված է մի բույսով, որն իմ կարծիքով ազգակից է Bromelia-յին (անանասի ազգից), և տեղացիներն անվանում են չեպոնես։ Դժվարությամբ անցնելով այս մացառուտի միջով՝ մեր ձեռքերը բոլորովին քերծվեցին։ Ինձ պակաս զվարճություն չէին պատճառում մեր հնդիկ ուղեկցի նախազգուշական միջոցառումները. նա վեր էր բարձրացրել իր շալվարը՝ մտածելով, որ շորն ավելի նուրբ է, քան իր սեփական ամուր մորթը։ Այս բույսի վրա լինում է մի պտուղ, որը ձևով շատ նման է կանկարի, որի մեջ մի քանի սերմերի բաժանմունք կա. այս բաժանմունքները պարունակում են մի հաճելի քաղցր խյուս, որն այստեղ շատ է գնահատվում։ Լոուի նավահանգստում ես տեսա չիլոեցիներ, որոնք այս պտղից պատրաստում էին չիչի կամ պտղի կվաս. շատ ճիշտ է, ինչպես նկատել է Հումբոլտը, որ գրեթե ամեն տեղ մարդը գտնում է միջոցներ՝ բուսական թագավորությունից որոշ տեսակի խմիչք պատրաստելու։ Սակայն պետք է ասել, որ Հրո Երկրի վայրենին, ինչպես և հավանորեն ավստրալիացին, նման բաներ պատրաստելու արվեստի մեջ այդքան հեռու չեն գնացել։

Պունտա Հուանտամոյից հյուսիս ծովափը ծայր աստիճան կտրատված և ապառաժոտ է ու դիմադրում է բազմաթիվ ալեբախումների, ծովը հավիտյան շառաչում է այդ ափերին։ Մր. Կինգը և ես շատ էինք ցանկանում հնարավորության դեպքում վերադառնալ ոտքով այս ափերով, բայց մինչև անգամ հնդիկներն ասում էին, որ այդ միանգամայն անհնարին է։ Մեզ ասում էին, որ եղել են մարդիկ, որոնք կտրելով անցնելով անտառներն ուղիղ ճանապարհով Կուկլաոյից հասել են Սան Կաբլոս, բայց երբեք ափով չեն գնացել։ Այս էքսպեդիցիաներում հնդիկներն իրենց հետ վերցնում են միայն խաշած կամ բռված հացահատիկ (աղանձ) և այն էլ գործածում են շատ խնայողաբար՝ օրական երկու, անգամ ուտելով։

Հունվարի 26.— Նորից պերիագուա նստելով՝ վերադարձանք լճով և ապա հեծանք մեր ձիերը։ Ամբողջ Չիլոեն օգտվում էր այս մի շաբաթվա անսովոր գեղեցիկ եղանակից և գետինը մաքրում անտառներից՝ այրելով։ Ամեն կողմ վեր էին բարձրանում ծխի քուլաները։ Չնայած որ այս կղզու բնակիչները շատ անխոնջ կերպով անտառի բոլոր մասերում սկսել էին հրդեհել, բայց և այնպես ես չտեսա մի վայր, որտեղ նրանց հաջողվեր լայնատարած հրդեհ առաջացնել։ Մենք ճաշեցինք մեր բարեկամ կոմենդանտի հետ և երբ Կաստրո հասանք, արդեն մութն էր։ Հաջորդ առավոտը ճանապարհ ընկանք շատ վաղ։ Որոշ ժամանակ ձիով գնալուց հետս մի սեպաձև բլրի շուրթից մեր առջև բացվեց մեծ անտառի լայնատարած տեսարանը, որ շատ քիչ է պատահում այս ճանապարհին։ Ծառերի հորիզոնից վերև Կորկովադո հրաբուխը, և հյուսիսում գտնվող տափակ գագաթով մի ուրիշ լեռ կանգնել էին հպարտ ու բարձր. բացի սրանից այս երկար լեռնաշղթայի վրա այլ ձյունապատ գագաթներ չէին երևում։ Դեռ երկար ժամանակ է պետք, մինչև ես մոռանամ Չիլոեի դիմացը գտնվող հոյակապ Կորդիլյերների հրաժեշտի այս տեսաբանը։ Գիշերն անցկացրինք բացօթյա, անամպ երկնքի տակ, և հաջորդ առավոտ հասանք Սան Կարլոս։ Մենք ճիշտ ժամանակին տեղ հասանք, որովհետև դեռ երեկոն չհասած՝ ուժեղ անձրևներ սկսվեցին։

Փետրվարի 4.— Մեր նավը դուրս եկավ Չիլոեից։ Վերջին շաբաթը ես կատարեցի մի քանի կարճատև էքսկուրսիաներ։ Այդ էքսկուրսիաներից մեկի նպատակն էր քննել այժմ գոյություն ունեցող խեցիների մի մեծ շերտ, որը բարձրացել էր ծովի մակարդակից 350 ոտնաչափ։ Այս խեցիների միջից բարձրանում էին անտառային մեծ ծառեր։ Մի այլ անգամ այցելեցի Հուեչուկուկուի հրվանդանը։ Ինձ հետ էր մի ուղեկից, որը շատ լավ ծանոթ էր երկրին, որովհետև նա համառորեն ինձ յուրաքանչյուր կետի, գետակի և խորշի հնդկական անվերջ անուններ էր տալիս։ Ինչպես տեսանք Հրո Երկրում, այստեղ ևս հնդկական լեզուն եզակիորեն հարմար է այդ վայրի ամենաչնչին մանրամասնություններին անգամ հարմար անուն տալու։ Ես հավատացած եմ, որ մենք բոլորս ուրախությամբ էինք հրաժեշտ տալիս Չիլոեին. այնուամենայնիվ եթե մենք կարողանայինք մոռանալ ձմեռվա մռայլությունը և անդադրում անձրևը, Չիլոեն մի դյութիչ կղզի կդառնար։ Այդտեղ մարդ հանդիպում է նաև աղքատ բնակչության համեստ քաղաքավարության և կյանքի պարզության վերին աստիճանի հրապուրիչ կողմերի։

Ափով ուղղվեցինք դեպի հյուսիս, բայց որովհետև խիտ մառախուղ էր, Վալդիվիա հասանք 8-ի գիշերը։ Մյուս առավոտը նավակը շարժվեց դեպի քաղաք, որը մոտ տասը մղոն հեռու է։ Մենք բռնեցինք գետի ուղին՝ երբեմն անցնելով հյուղակների և բաց տարածությունների մոտով, որոնք առաջացել են անթափանց խիտ անտառը մաքրելուց. երբեմն էլ հանդիպում էինք փոքր նավակների՝ մեջը մի հնդիկ ընտանիք։ Քաղաքը գտնվում է գետակի ցածը ափերին և այնպես է թաղված խնձորենու անտառի մեջ, որ փողոցները ներկայացնում են սոսկ մրգի ծառերի միջով անցնող նեղ շավիղներ։ Ես ոչ մի երկրում չեմ տեսել, որ խնձորի ծառերն այնպես լավ աճեն, ինչպես Հարավային Ամերիկայի այս խոնավ մասում։ Ճանապարհի կողքերին կային բազմաթիվ փոքրիկ ծառեր, որոնք ըստ երևույթին բազմացել էին բնական ճանապարհով։ Չիլոեում բնակիչները տիրապետում են մրգի այգիներ պատրաստելու մի զարմանալի հեշտ մեթոդի։ Գրեթե յուրաքանչյուր ճյուղի ստորին մասում ցցվում են փոքր, կոնաձև, թուխ և կնճռոտ կետեր. այս կետերը միշտ պատրաստ են արմատի փոխվելու, ինչպես այդ կարելի է տեսնել հաճախ, եթե պատահականորեն բավարար քանակությամբ տիղմ կուտակվի։ Վաղ գարնանն ընտրում են մարդու բազկի հաստությամբ ճյուղեր և կտրում են բավականին ներքևից, այնպես որ այս ցցվածքներից մի քանիսը մնան ճյուղի վրա. այնուհետև էտում են բոլոր մանր ճյուղերը և մոտ երկու ոտնաչափ խորությամբ թաղում գետնի մեջ։ Ամառն այս ոստն արձակում է երկար ընձյուղներ, իսկ երբեմն մինչև անգամ հենց առաջին տարին պտուղ է տալիս. ինձ ցույց տվին այդպիսի մեկը, որը 23 խնձոր էր բռնել, բայց այդ համարվում էր խիստ հազվադեպ։ Երրորդ ամառը այս ոստը դառնում է (ինչպես ես տեսել եմ) կանոնավոր ծառ՝ պտղով բեռնավորված։ Վալդիվիայի մոտ մի ծեր մարդ իր նշանաբանն արտահայտում էր այսպես՝ „Necesidad es la madre del invencion” (կարիքը հնարագիտության մայրն է), թվելով մի շարք օգտակար բաներ, որ նա պատրաստել էր իր խնձորներից։ Գինի և այլ խմիչքներ պատրաստելուց հետո մնացորդից նա դուրս էր բերում սպիտակ և անուշաբույր օղի. մի այլ պրոցեսով նա ձեռք էր բերում քաղցր դոշաբ, կամք ինչպես ինքն էր անվանում, մեղր։ Իր երեխաներն ու խոզերն ըստ երևույթին տարվա այս եղանակին գրեթե միշտ ապրում էին իր պտղատու այգում։

Փետրվարի 11.— Իմ ուղեկցի հետ ես դուրս եկա մի կարճ էքսկուրսիայի, որի ընթացքում, սակայն, ես շատ քիչ բան կարողացա իմանալ այդ երկրի երկրաբանությունից և բնակչությունից։ Վալդիվիայի մոտ մշակված շատ տարածություններ չկան, անցնելով մի քանի մղոն հեռու գտնվող մի գետ՝ մտանք անտառը և ապա, նախքան մեր գիշերելու տեղը հասնելը, հանդիպեցինք միայն մի աղքատ խրճիթի։ Աշխարհագրական լայնության այն չնչին տարբերությունը, որը հազիվ 150 մղոնի է հասնում, անտառին նոր տեսք է տվել Չիլոեի հետ համեմատած։ Այս բանն արտահայտվում է ծառերի տեսակների մի փոքր տարբեր հարաբերությամբ։ Մշտականաչ ծառերն այնքան շատ չեն երևում, այդ պատճառով էլ անտառը երևում է համեմատաբար պայծառ երանգով։ Ինչպես Չիլոեում, այստեղ ևս ներքին մասերում ծառերն իրար են հյուսված եղեգներով. այստեղ փնջերով աճում է նաև եղեգնի մի այլ տեսակ, որը նման է բրազիլիական բամբուկին և ունի քսան ոտնաչափ բարձրություն և շատ գեղեցիկ ձևով զարդարում է մի քանի գետերի ափերը։ Հենց այս բույսից է, որ հնդիկները պատրաստում են իրենց չուսոները կամ հետզհետե բարակացող նիզակները։ Մեր հանգստյան սենյակն այնպես աղտոտ էր, որ ես նախընտրեցի քնել դուրսը, այս ճանապարհորդությունների ընթացքում առաջին գիշերն ընդհանրապես շատ անհանգիստ է անցնում, որովհետև մարդ վարժված չի լինում լվերի կծոցին և խտուտեցնելուն։ Հավատացած եմ, որ առավոտյան իմ սրունքների վրա չկար մեկ շիլինգի մեծության տեղ, որը կարմրած չլիներ կամ որտեղ լուն «խնջույք» արած չլիներ։

Փետրվարի 12.— Մենք շարունակեցինք մեր ճանապարհը չմաքրված անտառների միջով. միայն երբեմն հանդիպում էինք ձի հեծած մի հնդիկի կամ ընտիր ջորիների մի խմբի, որոնք ալերսի տախտակ և հացահատիկ էին բերում հարավային հարթավայրերից։ Կեսօրից հետո ձիերից մեկն ուժասպառ վայր ընկավ, այդ ժամանակ մենք գտնվում էինք մի բլրի կատարին, որտեղից բացվում էր լիանոսի մի գեղեցիկ տեսարան։ Այս բաց դաշտերի տեսարանն ամայի ծառերի մեջ փակվելուց, թաղվելուց հետո կատարյալ թարմացնում էր մեզ։ Անտառի միօրինակությունը շուտով չափազանց ձանձրալի է դառնում։ Այս արևմտյան ափն ինձ հաճույքով հիշեցնում է Պատագոնիայի ազատ և անծայրածիր հարթավայրերը. սակայն ես չեմ կարող մոռանալ, թե ի՜նչպես վեհ է անտառի լռությունը։ Լիանոսներն այս երկրի ամենաարգավանգ և ամենախիտ բնակեցված վայրերն են, որովհետև նրանք այն մեծ առավելությունն ունեն, որ գրեթե ազատ են ծառերից։ Նախքան անտառը թողնելը մենք անցանք մի քանի հարթ փոքր բացատներ, որոնց շրջապատում գտնվում էին առանձնացած ծառեր՝ նման անգլիական պարկերի։ Ես հաճախ զարմանքով նկատել եմ, որ ալիքավոր անտառապատ շրջաններում այն մասերը, որոնք բոլորովին հարթ են եղել, կատարյալ զուրկ են եղել ծառերից։ Հոգնած ձիու պատճառով ես որոշեցի կանգ առնել Կուդիկոյի միսիայում, որի վանականին ուղղված մի հանձնարարական նամակ կար ինձ մոտ։ Կուդիկոն անտառների և լիանոսն երի միջև ընկած մի միջանկյալ շրջան է։ Այստեղ կային բազմաթիվ հյուղակներ կարտոֆիլի և հացահատիկի հողամասերով, որոնք գրեթե ամբողջովին պատկանում են հնդիկներին։ Վալդիվիայից կախում ունեցող ցեղերը „reducidos y Christianos”-ներ են (քրիստոնյա դարձածներ)։ Ավելի հյուսիսում գտնվող հնդիկները, Արասւկոյի և Իմպերիալի շրջակայքում, չափազանց վայրենի են և դեռ քրիստոնյա չեն դարձել, բայց, չնայած դրան, նրանք բոլորն էլ հաճախ են հարաբերություն ունենում սպանացիների հետ։ Պատերը (վանականն) ասաց, որ քրիստոնյա հնդիկները շատ չեն սիրում ներկա լինել եկեղեցական արարողություններին, բայց և այնպես նրանք մեծ հարգանք են ցույց տալիս դեպի կրոնը։ Ամենամեծ դժվարությունն ամուսնական ծիսակատարությունները նրանց դիտել տալն է։ Վայրենի հնդիկներն այնքան կին են վերցնում, որքան կարող են պահել, իսկ կասիկը երբեմն առնում է ավելի քան տասը կին. նրա տունը մտնելիս կանանց թիվը կարելի է իմանալ առանձին օջախների թվից։ Յուրաքանչյուր կին հերթով մի շաբաթ ապրում է կասիկի հետ, բայց բոլորն էլ պարտավոր են աշխատել նրա օգտին՝ պոնչոներ գործելով և այլ աշխատանքներ կատարելով։ Կասիկի կին դառնալը մի այնպիսի պատիվ է, որին շատ են ձգտում հնդիկ կանայք։

Այս բոլոր ցեղերի տղամարդիկ հագնում են բրդյա կոշտ պոնչո. Վալդիվիայից հարավ գտնվողները հագնում են կարճ անդրավարտիք, իսկ հյուսիս գտնվողները՝ լայն փեշերով շորեր, գաուչոյի չիլիպային նման։ Բոլորի երկար մազերը կապված են ծիրանագույն ժապավենով, բայց բացի սրանից նրանց գլխին ուրիշ ոչ մի ծածկոց չկա։ Այս հնդիկները գեղեցիկ կազմվածք ունեն. նրանց այտոսկրները դուրս են ցցված, և ընդհանուր տեսքով նրանք նման են ամերիկյան մեծ ընտանիքին, որին նրանք պատկանում են, բայց նրանց ֆիզիոնոմիան թվում էր թե քիչ տարբերվում էր մինչ այդ իմ տեսած ցեղերի ֆիզիոնոմիաներից։ Նրանց արտահայտությունն ընդհանրապես լուրջ է և նույն իսկ խիստ ու խոժոռ, և այդ շատ հատկանշական է. այս կարելի է վերագրել կամ նրանց ազնիվ պարզամտության կամ խիստ վճռականության։ Երկար սև մազերը, լուրջ և կնճռոտ դեմքը և մութ կերպարանքը ինձ հիշեցնում էին Ջեյմս առաջինի հին նկարները։ Ճանապարհին և ոչ մի տեղ մենք չհանդիպեցինք այն խոնարհ քաղաքավարություններին, որոնք այնքան ընդհանուր են Չիլոեում։ Մի քանիսը աճապարանքով տալիս էին իրենց „mari-mari”-ն (բարի առավոտ), բայց մեծ մասամբ երևում էր, որ չէին մտածում որևէ բարև տալու։ Վարվելաձևի այս անկախությունը հավանաբար հետևանք է նրանց երկար պատերազմների և կրկնվող հաղթանակների, որ միայն այս ցեղերին է հաջողվել ամբողջ Ամերիկայում տանել սպանացիների դեմ։

Երեկոն շատ հաճելի անցկացրի՝ խոսելով պատերի հետ։ Նա ծայր աստիճանի բարի էր և հյուրասեր, և գալով Սանտ Յագոյից՝ որոշել էր շրջապատել իրեն որոշ հարմարություններով։ Փիչ կրթություն ունենալով՝ նա դառնորեն տրտնջում էր ընկերական, բարեկամական շրջանի բացակայությունից։ Ո՜րչափ անիմաստ պետք է լինի այս մարդու անցկացրած ժամանակը, չունի ոչ առանձին եռանդ դեպի կրոնը և ոչ էլ զբաղմունք կամ որևէ խնդրի հետապնդում։ Հաջորդ օրը մեր վերադարձին մենք հանդիպեցինք յոթ չափազանց վայրագ տեսք ունեցող հնդիկների. սրանցից մի քանիսը կասիկներ էին, որոնք հենց նոր Չիլիի կառավարությունից ստացել էին իրենց տարեկան ստիպենդիան, երկար ժամանակ հավատարիմ մնալու համար։ Սրանք գեղեցիկ տեսքով մարդիկ էին և իրար հետևից ձիով անցնում էին ամենամռայլ դեմքերով։ Մի ծերունի կասիկ, որը գլխավորում էր նրանց, կարծում եմ, որ շատ ավելի էր խմել, քան մյուսները, որովհետև նա ծայր աստիճան մռայլ և շատ խոժոռ էր երևում։ Այս բանից քիչ առաջ մեզ միացան երկու հնդիկ, որոնք մի հեռավոր միսիայից գնում էին Վալդիվիա՝ մի դատի համար։ Մեկը մի զվարթամիտ ծեր մարդ էր, բայց նա իր կնճռոտ և անմորուս դեմքով շատ ավելի նման էր կնոջ, քան տղամարդու։ Հաճախ ևս նրանց նվիրում էի սիգարներ, և թեև միշտ պատրաստ էին ընդունելու, և հավատացած էի, որ նրանք երախտագետ մարդիկ էինք բայց շնորհք չունեին ինձ շնորհակալություն հայտնելու։ Եթե նրանց տեղը չիլոտան (չիլոեցի) հնդիկներ լինեին, գլխարկները կվերցնեին և իրենց „Dios le page”-ը կտային։ Այդ ճանապարհորդությունը շատ ձանձրալի էր և՛ ճանապարհի վատության տեսակետից, և՛ թե ընկած մեծ ծառերի պատճառով, որի համար ստիպված էինք լինում անցնելիս երկար շրջապտույտներ կատարել կամ ցատկել նրանց վրայով։ Մենք քնեցինք ճանապարհի վրա և հաջորդ առավոտը հասանք Վալդիվիա, որտեղից ես շարժվեցի դեպի նավը։

Մի քանի օր հետո մի խումբ սպաների հետ միասին անցանք մի ծովածոց և ցամաք դուրս եկանք Նիեբլա կոչվող բերդի մոտ։ Շենքերը գտնվում էին վերին աստիճանի ավերված վիճակում, իսկ թնդանոթի կառքերը՝ կատարելապես փտած։ Մր. Ուիկհեմն ասաց հրամանատար սպային, որ նրանք առաջին կրակումից ջարդուփշուր կլինեն։ Խեղճ մարդը ցանկանալով պաշտպանել իր բերդի արժանիքները՝ լրջորեն պատասխանեց. «Ո՛չ, վստահ եմ, պարո՛ն, նրանք կդիմանան երկու կրակոցի էլ»։ Սպանացիները պետք է որ մտադրված լինեին այս տեղն անառիկ դարձնելու համար։ Այժմ բակի մեջտեղում ընկած է կրաշաղախի մի կույտ, որն իր կարծրությամբ մրցում է այն ժայռերի հետ, որոնց վրա գտնվում է։ Նա բերվել է Չիլիից և նստել 7000 դոլար։ Ռևոլուցիան սկսվելով՝ չի թողել, որ նա որևէ բանի պետք գա, և այժմ նա մնում է որպես Սպանիայի ընկած փառքի մի հուշարձան։

Ես ուզում էի գնալ մեկ և կես մղոն հեռու գտնվող մի տուն, բայց իմ ուղեկիցն ինձ ասաց, որ բացարձակորեն անկարելի է ուղիղ գծով կտրել անցնել անտառը. նա առաջարկեց ինձ որպես ամենակարճ ճանապարհ՝ առաջնորդվել անասունների դժվար նշմարելի հետքերով, այնուամենայնիվ ամենակարճ ճանապարհը երեք ժամից պակաս չտևեց։ Այս մարդն զբաղվում է թափառող անասուններ որսալով և, չնայած իր՝ անտառներին լավ ծանոթ լինելուն, նա վերջին ժամանակները կորչում է երկու օրով և ոչինչ չի ունենում ուտելու։ Այս փաստերը բավական են գաղափար կազմելու, թե որչափ աննպատակ են այս երկրի անտառները։ Ինձ զբաղեցնում էր մի հարց՝ թե ո՛րքան ժամանակ են դիմանում ընկած ծառի մնացորդները։ Այս մարդը ցույց տվեց ինձ մի ծառ, որը տասնևչորս տարի առաջ կտրել են փախստական միապետականները. և վերցնելով այս որպես չափանիշ՝ ես կասեի, որ մեկ և կես ոտնաչափ տրամագիծ ունեցող մի ծառ երեսուն տարվա ընթացքում ամբողջովին կփտեր, թողնելով միայն կաղապարը։

Փետրվարի 20.— Այս օրը Վալդիվիայի տարեգրության մեջ հայտնի է իր վերին աստիճանի ուժեղ երկրաշարժով, որի նմանը չեն տեսել ամենածեր բնակիչներն անգամ։ Երկրաշարժի ժամանակ ես գտնվում էի ծովափին և անտառում պառկած՝ հանգստանում էի։ Երկրաշարժը սկսվեց հանկարծակի և տևեց երկու րոպե, բայց այդ ժամանակը շատ ավելի երկար էր թվում մեզ. գետնի տատանումը խիստ զգալի էր։ Իմ ընկերոջն ու ինձ այնպես էր թվում, որ ալիքը դալիս է ուղիղ արևելքից, մինչ ուրիշները կարծում էին, որ գալիս է հարավ-արևմուտքից. այս ցույց է տալիս, թե որչափ դժվար է զգալ տատանումների ուղղությունը։ Դժվար չէր ուղիղ կանգնել, բայց շարժումն ինձ գրեթե գլխապտույտ էր պատճառում, այդ նման էր կողքի պտույտ կատարելիս նավի առաջացրած տատանումներին, կամ ավելի շուտ նման էր այն ճոճումներին, որ մարդ զգում է բարակ սառցի վրայով սահելիս, երբ վերջինս մարմնի ծանրությունից որոշ չափով ճզմվում է։

Ուժեղ երկրաշարժը մի անգամից ոչնչացնում է մեր մտքի ամենասովորական ասոցիացիաները. երկիրը, հաստատունության այդ ամենաառաջին խորհրդանշանը, մեր ոտքերի տակ շարժվում է այնպես, ինչպես հեղուկի մակերեսին գտնվող մի բարակ կեղև,— ժամանակի մի վայրկյանը մարդու մտքում ստեղծում է անապահովության այնպիսի տարօրինակ գաղափարներ, որոնք չեն կարող առաջ գալ մինչև անգամ ժամերով խորհրդածելուց հետո։ Ինչպես անտառում թեթև քամին օրորում է ծառերը, ես էլ զգում էի միայն երկրի դողդողալը ոտներիս տակ և այլ էֆեկտներ չտեսա։ Ցնցման ժամանակ կապիտան Ֆից Ռոյը և մի քանի սպաներ գտնվում էին քաղաքում, և այնտեղ տեսարանը շատ ավելի տպավորիչ պետք է եղած լինի, որովհետև, այդ տները փայտից շինված լինելով չէին քանդվել, բայց ուժեղ ցնցվել էին և տախտակները ճռնչյունով ու շառաչով բախվել էին իրար։ Բնակչությունը սոսկալի ահաբեկված խուժում է դուրս՝ փողոցները։ Այդ հանգամանքներն են ստեղծում երկրաշարժների խուճապային սարսափը, որ ապրել են այն բոլոր մարդիկ, որոնք տեսել և զգացել են նրա ազդեցությունները։ Անտառում նա բոլորովին սարսափելի երևույթ չէ, բայց և այնպես չափազանց հետաքրքրական է։ Երկրաշարժը շատ հետաքրքրական կերպով ազդել էր և մակընթացությունների և տեղատվությունների վրա։ Մեծ ցնցումը տեղի ունեցավ տեղատվության ժամանակ, և մի ծեր կին, որն այդ ժամանակ եղել էր ծովափին, ինձ պատմեց, որ ջուրը շատ արագ հոսել էր դեպի մակընթացության սահմանը, բայց ոչ մեծ ալիքներով, ապա նույնպիսի արագությամբ վերադարձել էր իր սովորական մակարդակին, այդ, երևում էր և թրջված ավազի գծից։ Այս միևնույն տեսակի արագ, բայց հանդարտ մակընթացությունը և տեղատվությունը դրանից մի քանի տարի հետո պատահել է Չիլոեում մի թեթև երկրաշարժի հետևանքով և առանց պատճառի մեծ տագնապ է առաջացրել։ Երեկոյան ընթացքում եղան բազմաթիվ թույլ ցնցումներ, որոնք կարծեք թե նավահանգստում առաջացնում էին ամենաբարդ հոսանքներ, որոնցից մի քանիսն զգալի մեծության էին հասնում։

Մարտի 4.— Մտանք Կոնսեպսիոնի նավահանգիստը։ Մինչ նավը խարիսխ գցելու տեղ էր փնտրում, ես դուրս եկա Կիրիկինա կղզին։ Այդ վայրի մայոր-դոմոն արագ ինձ մոտ եկավ ձիով, 20-ին տեղի ունեցած ահռելի երկրաշարժի մասին ինձ հաղորդելու, որ Կոնսեպսիոնում կամ Տալկահուանոյում (նավահանգիստը) ոչ մի տուն կանգուն չի մնացել, որ կործանվել են յոթանասուն գյուղ և որ մի մեծ ալիք գրեթե ամբողջովին հեղեղել և քշել տարել է Տալկահուանոյի ավերակները։ Այս վերջին կետի վերաբերյալ ես շատ ապացույցներ տեսա, ամբողջ ափի վրա տարածվել փռվել էին կահկարասիների և տախտակի կտորներ, կարծեք թե հազարավոր նավեր էին խորտակվել։ Բացի աթոռներից, սեղաններից, գրապահարաններից, որոնք երևում էին մեծ քանակությամբ, կային և գյուղական հյուղակների մի քանի տանիքներ, որոնք տեղափոխվել էին գրեթե ամբողջությամբ։ Տալկահուանոյի խանութի դռները բացվել էին, և բամբակի մեծ պարկերը, երբան և այլ արժեքավոր ապրանքներ ցրված էին ափին։ Կղզու շուրջը պատվելիս ես նկատեցի, որ ժայռի բազմաթիվ կտորներ, որոնք, նկատի ունենալով նրանց կպած ծովային օրգանիզմները, պետք է որ օվկիանոսի հատակում ընկած լինեին, նետված էին վերև՝ ծովափին. այս քարերից մեկն ուներ վեց ոտնաչափ երկարություն, երեք ոտնաչափ լայնք և երկու՝ հաստություն։

Կղզին ինքնին այնպես պարզ էր ցույց տալիս երկրաշարժի խորտակիչ ուժը, ինչպես ծովափը՝ մեծ ալիքի ուժը։ Գետինը շատ տեղ ճեղքոտված էր հյուսիս-հարավ գծերով, և այդ գուցե առաջացել էր այս նեղ կղզու չափազանց թեք և զուգահեռ կողերի պատճառով։ Ճեղքվածքների մի մասը գահավանդների մոտ մի կանգուն (մոտ երկու մետր) լայնություն ունեին։ Բազմաթիվ մեծ զանգվածներ արդեն ընկել էին ծովափին, և տեղացիները կարծում էին, որ անձրևն սկսվելիս անհամեմատ ավելի մեծ փլուզումների պետք է սպասել։ Տատանման էֆեկտը պինդ նախնական թերթաքարի վրա, որը կազմում է կղզու հիմքը, շատ ավելի հետաքրքրական էր. մի քանի նեղ լեռնաշարքերի մակերեսային մասերը բոլորովին փշրվել էին, կարծեք թե վառոդով պայթեցրել էին։ Այդ ազդեցությունը, որը շատ լավ երևում էր մակերեսին նոր առաջացած ճեղքվածքներից և տեղափոխված գետնից, պետք է որ մակերեսից շատ խորը չտարածվի, այլապես ամբողջ Չիլիում ոչ մի ապառաժի պինդ մեծ զանգված չէր մնա. այս անհավանական չէ, որովհետև հայտնի է, որ տատանվող մարմնի մակերեսը կենտրոնական մասից տարբեր ձևով է ազդվում։ Հավանորեն այս է պատճառը, որ խորը հանքներում երկրաշարժներն այնպիսի սոսկալի ավերածություններ չեն առաջացնում, ինչպես որ շատերն սպասում են։ Կարծում եմ, որ այս ցնցումը շատ ավելի մեծ ազդեցություն ունեցավ Կիրիկինա կղզու ծավալի փոքրացման գործում, քան ծովի և հողմի սովորական մաշումն ու քանդումները կարող էին առաջացնել նույն ազդեցությունը մի ամբողջ դարի ընթացքում։

Հաջորդ օրը դուրս եկա Տալկահուանո և ապա ձիով գնացի Կոնսեպսիոն։ Երկու քաղաքներն էլ ներկայացնում էին ամենաահռելի, միաժամանակ ամենահետաքրքրական տեսարանները, որ երբևէ ես տեսել եմ։ Նրանք, ովքեր առաջ տեսել էին այդ քաղաքները, հավանորեն ավելի ուժեղ տպավորություններ կունենան, որովհետև ավերակներն այնպես կատարյալ էին խառնված իրար, և ամբողջ տեսարանն այնքան քիչ նշաններ ուներ բնակավայրի, որ հազիվ թե հնարավոր լիներ երևակայել նրա նախկին վիճակը։ Երկրաշարժն սկսվեց առավոտյան ժամը տասնևմեկ ու կեսին։ Եթե այդ տեղի ունենար կես գիշերին, բնակիչների մեծ մասը (որոնք այս մի շրջանում հասնում են մի քանի հազարի) կոչնչանար. մինչդեռ տեղի ունենալով ցերեկը՝ զոհերի թիվը հարյուրից պակաս էր. առաջին ցնցումից դուրս փախչելով մշտական սովորությունը փրկել էր նրանց կյանքը։ Կոնսպեսիոնում ամեն մի տուն կամ տների մի շարք ներկայացնում էր ավերակների մի կույտ կամ մի շարք, բայց Տալկահուանոյում մեծ ալիքի հետևանքով կարելի էր տեսնել միայն աղյուսների շերտեր, կղմինդրներ, ատաղձ, այս ու այն կողմն կանգուն մնացած պատի մասեր և ուրիշ ոչինչ։ Թեև Կոնսեպսիոնն այնքան մեծ ավերածության չէր ենթարկվել, բայց ավերակների ներկայության պատճառով ավելի սոսկալի և, եթե թույլ կտրվի ինձ ասելու, պատկերավոր էր դարձել։ Առաջին հարվածը տեղի էր ունեցել խիստ հանկարծակի։ Կիրիկինոյի մայոր-դոմոն ինձ պատմում էր, որ առաջին անգամ նա զգացել է այդ՝ իր ձիու հետ գետին գլորվելով։ Վեր կենալով նա նորից է ցած գլորվել։ Նա ասաց նաև, որ մի քանի կով, որոնք կանգնած են եղել կղզու թեք կողմի վրա, գլորվել են ծովը։ Մեծ ալիքը ոչնչացրել է բազմաթիվ անասուններ, ցածր կղզիներից մեկի վրա, ծոցի ծայրին, ծովն են քշվել յոթանասուն կենդանի և խեղդվել են։ Ընդհանրապես այնպես են կարծում, որ այս Չիլիում արձանագրված երկրաշարժների ամենաուժեղն է, բայց որովհետև խիստ ուժեղ երկրաշարժները տեղի են ունենում երկար ընդմիջումներից հետո միայն, ուստի հեշտ չէ ասել, թե սրանից ուժեղները չեն եղել, և ոչ էլ ավելի ուժեղ երկրաշարժը կարող էր մեծ տարբերություններ առաջացնել, որովհետև ավերածությանը բոլորովին կատարյալ էր։ Մեծ երկրաշարժին հաջորդեցին անհաշիվ թվով մանր ցնցումներ, և առաջին տասներկու, օրում հաշվել են ոչ պակաս քան երեք հարյուր ցնցում։

Կոնսեպսիոնի վիճակը տեսնելուց հետո ես չեմ կարող հասկանար թե ինչպես բնակչության մեծ մասը կարողացել էր անվնաս փախչել։ Շատ տեղեր տները դուրս էին նետվել փողոցի մեջտեղում կազմելով աղյուսի և այլ մնացորդների բլրակներ։ Անգլիացի հյուպատոս մր. Ռոուզն ինձ պատմում էր, որ ինքը նախաճաշելիս է եղեր երբ առաջին շարժումն զգուշացրել է իրեն դուրս փախչելու։ Հազիվ հասնում է բակի մեջտեղը, երբ իր տան մի մասը դղրդյունով փուլ է գալիս։ Չկորցնելով իր սառնասրտությունը նա մտածում է, որ եթե ինքը կարողանա արդեն փուլ եկած մասի վրա բարձրանար կազատվի։ Գետնի ուժեղ երերումից չկարողանալով կանգնել ոտքերի վրա՝ նա սողում է իր ձեռքերի և ծնկների վրա. հազիվ թե հասնում է այս փոքրիկ բարձունքը, երբ իջնում է տան մյուս մասը, մեծ գերաններն անցնում են իր գլխի մոտով։ Աչքերը կուրացած, բերանը լցված փոշու ամպով, որը մթնացրել էր երկինքը, վերջիվերջո հասնում է փողոց։ Որովհետև ցնցումներն անընդհատ հաջորդում էին իրար մի քանի րոպե ընդմիջումից հետո, ոչ ոք չէր համարձակվում մոտենալ քանդված տներին, և ոչ ոք չէր իմանում, թե արդյոք իր ամենաթանկագին բարեկամներն ու ազգականները չէի՞ն ոչնչանում անօգնական։ Նրանք, ովքեր որոշ իրեր փրկել էին ոչնչացումից, ստիպված էին անընդհատ հսկել, որ չգողանան, որովհետև գողերը վխտում էին ամեն կողմ և յուրաքանչյուր փոքր ցնցման ժամանակ մի ձեռքով նրանք ծեծում էին իրենց կրծքերը և գոչում՝ „misericordia!” և մյուսով ավերակների միջից դուրս բերում՝ ինչ որ կարող էին։ Եղեգնածածկ տանիքներն ընկնում էին կրակի վրա, և ամեն կողմից բարձրանում էին բոցի լեզուներ։ Հարյուրավոր մարդիկ իրենց կյանքը խորտակված էին համարում, իսկ օրվա սնունդը հայթայթելու միջոցներ շատ քչերն ունեին։

Միայն երկրաշարժները բավական են, որ խորտակեն որևէ երկրի բարօրությունը։ Եթե Անգլիայի տակ այժմ իներտ ստորերկրյա ուժերը գործեին այնպես, ինչպես ամենայն հավանականությամբ գործել են երկրաբանական անցած դարաշրջաններում, ի՞նչպիսի լրիվ փոփոխությունների կենթարկվեր երկրի ամբողջ դրությունը։ Ի՞նչ կլիներ հոյակապ տների, խիտ բնակեցված քաղաքների, մեծ գործարանների, հանրային և անհատական հոյակապ ապարանքների վիճակը։ Իսկ եթե երկրաշարժի առաջին ուժեղ ցնցումն սկսվեր կես գիշերի մեռյալ ժամերին, ո՜րչափ մեծ կլիներ զոհերի թիվը։ Անգլիան անմիջապես կսնանկանար, բոլոր փաստաթղթերը, արձանագրությունները և տեղեկագրությունները նույն մոմենտին կկորչեին։ Պետությունը, չկարողանալով հավաքել հարկերը և չհաջողելով պահել իր հեղինակությունը, վայրագության և հափշտակության ձեռքերը բոլորովին ազատ կլինեին։ Ամեն մի մեծ քաղաքում կթագավորեր սովը, որին կհետևեին ժանտախտը և մահը։

Ցնցումից քիչ հետո երեք-չորս մղոն հեռավորության վրա երևաց մի մեծ ալիք, որը ողորկ ուրվագծով մոտենում էր ծոցի կենտրոնին, բայց ափի երկայնքով անդիմադրելի ուժով շարժվելով առաջ՝ նա խորտակում էր տնակներ և ծառեր։ Ծոցի ծայրին հասնելով, նա վերածվեց փշրվող սպիտակ ալիքների ահաբեկիչ շարքի, որը խուժելով բարձրացավ մակընթացության ամենաբարձր կետից քսաներեք ոտնաչափ ավելի բարձր։ Սրանց ուժը պետք է որ վիթխարի չափերի հասնի, որովհետև բերդում մի թնդանոթ իր կառքով, որի ծանրությունը հաշվում էին չորս տոնն, տասնհինգ ոտնաչափ դեպի ներս էր շարժվել։ Մի նավակ ծովից բերվել և մնացել էր ափից երկու հարյուր կանգուն հեռավորության վրա գտնվող ավերակների մեջ։ Առաջին ալիքին հաջորդում են երկու այլ ալիք, որոնք նահանջելիս իրենց հետ տանում են լողացող բազմաթիվ բեկորներ։ Ծոցի մի մասում ալիքը մի նավ նետում է բարձր ցամաքի վրա, ետ է տանում և նորից նետում ցամաք և վերջապես նորից տանում ետ։ Մի այլ մասում իրար մոտ խարիսխ գցած երկու մեծ նավ պտույտներ են անում, և երեք անգամ նրանց կաբելները (պողպատյա առասան) փաթաթվում են իրար, չնայած որ խարիսխ են գցած լինում երեսունվեց ոտնաչափ խորության վրա, մի քանի րոպե նրանք մնում են գետնին խրված։ Այդ մեծ ալիքը պետք է որ դանդաղ շարժվելիս լինի, որովհետև Տալկահուանոյի բնակիչները ժամանակ են ունենում քաղաքի հետևում գտնվող բլուրները փախչելու, իսկ մի քանի նավաստի վազում են դեպի ծովը՝ վստահ լինելով, որ իրենց նավակներով կարող են ապահով ապաստանել ուռած ծովի վրա, եթե հասնեն նախքան ալիքի փշրվելը։

Մի ծեր կին չորս-հինգ տարեկան մի փոքր տղայի հետ վազում է նավակը, բայց ոչ ոք չի լինում նավարկելու համար. նավակը զարկվելով մի խարսխի՝ երկու կես է լինում։ Ծեր կինը խեղդվում է, բայց երեխան կառչելով բեկված նավակից՝ դուրս է բերվում մի քանի ժամ հետո։ Աղի ջրի լճերը դեռ կանգնած էին տների ավերակների մեջ, և երեխաները հին աթոռներից ու սեղաններից նավակներ պատրաստելով այնքան ուրախ և զվարթ էին երևում, որքան նրանց ծնողները՝ թշվառ։ Չափազանց հետաքրքրական էր դիտել, թե ինչպես մարդիկ շատ ավելի ուրախ և աշխուժ էին, քան կարելի էր սպասել։ Չափազանց ճիշտ էր այն դիտողությունը, որ այդ դժբախտությունն ընդհանուր լինելու պատճառով ոչ ոք իրեն մի ուրիշից ավելի ընկճված չէր զգում, և ոչ էլ կարող էր կասկածել իր բարեկամների սառնասրտության վրա, որը կորցրած բարեկեցության ամենաողբալի հետևանքն է։ Մր. Ռոուզը և մի մեծ խումբ, որ նա բարեսրտաբար իր պաշտպանության տակ էր առել, առաջին շաբաթն ապրում էր մի պարտեզում, խնձորի ծառերի տակ։ Սկզբում նրանք շատ ուրախ էին, կարծեք թե խնճույքում էին գտնվում, բայց շուտով սկսվող ուժեղ անձրևը նրանց շատ նեղություններ պատճառեց, որովհետև նրանք բացարձակապես զուրկ էին որևէ պատսպարանից։

Երկրաշարժի վերաբերյալ՝ կապիտան Ֆից Ռոյի սքանչելի տեղեկագրության մեջ ասված է, որ ծոցում երկու ժայթքում է երևում — մեկը ծխի սյան նման, իսկ մյուսը՝ մեծ կետի (կենդանու) արձակած շատրվանի։ Ջուրն էլ ամեն տեղ կարծեք թե եռալիս է լինում և «նա սևանում է՝ արտաշնչելով ծծմբային մի վերին աստիճանի անախորժ հոտ»։ Այս վերջին պարագաները նկատվել են և 1822 թվի՝ Վալպարայսոյի երկրաշարժի ժամանակ. ինձ թվում է, թե այդ պետք է վերագրել ծովի հատակում գտնվող օրգանական քայքայվող նյութեր պարունակող տղմին, որը երկրաշարժից խառնվում խանգարվում է։ Կալաոյի ծոցում մի խաղաղ օր ես նկատեցի, որ երբ նավն իր կաբելները քաշում էր հատակի վրայով, նրա հետևից նկատվում էր պղպջակների մի գիծ։

Տալկահուանոյում բնակչության ցածր խավերում այն կարծիքն էր տիրում, որ երկրաշարժի պատճառը մի քանի ծեր հնդիկ կանայք են, որոնք երկու տարի առաջ զայրանալով կանգնեցրել են Անտուկոյի հրաբուխը։ Այս հիմար հավատքը շատ հետաքրքրական է, որովհետև այդ ցույց է տալիս, թե փորձը սովորեցրել է նրանց դիտել, որ հրաբուխների խափանվող գործունեության և գետնի դողդողալու մեջ որոշ կապ կա։ Անհրաժեշտ էր կախարդությունը կապել երևույթների այնպիսի կետի հետ, որի պատճառը և հետևանքն ըմբռնելի չէր, և այդ՝ հրաբխի անցքը փակելն էր։ Առանձնապես այս դեպքում այս հավատը շատ հետաքրքրական է, որովհետև, ըստ կապիտան Ֆից Ռոյի, պատճառներ կան հավատալու, որ Անտուկո հրաբուխն այստեղ բոլորովին չէր ունեցել իր մասնակցությունը։

Կոնսեպսիոն քաղաքը շինված էր սովորական ձևով, բոլոր փողոցներն իրար կտրում անցնում էին ուղիղ անկյուններով։ ՄԻ շարքը ձգվում էր արևմուտք—հարավ-արևմուտք, իսկ մյուս շարքը հյուսիս—հյուսիս-արևմուտք ուղղությամբ։ Առաջին ուղղության վրա գտնվող տների պատերն իսկապես ավելի լավ էին կանգուն մնացել, քան վերջիններինը։ Աղյուսի կտորտանքների զանգվածներն ավելի մեծ թվով թափված էին հյուսիս-արևելյան ուղղությամբ։ Այս երկու հանգամանքն էլ կատարելապես հաստատում են այն կարծիքը, որ երկրաշարժի ալիքները եկել են հարավ-արևմուտքից, որտեղից լսվում էին և ստորերկրյա աղմուկներ, որովհետև հայտնի է, որ հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ձգվող պատերը, որոնց վերջավորությունը գտնվում էր այն կետում, որտեղից ալիքներն են սկսվել, շատ ավելի քիչ ենթակա կլինեին խորտակվելու, քան այն պատերը, որոնք գտնվում են հյուսիս-արևմուսւք և հարավ-արևելք ուղղությամբ. նրանք նույն վայրկյանին անմիջապես պետք է որ փուլ գային, որովհետև հիմքերի տակով անցնելիս հարավ-արևմուտքից եկող ալիքները պետք է որ բաժանվեին հյուսիս-արևմտյան և հարավ-արևելյան ալիքների։ Այս կարելի է պարզաբանել, եթե գրքերն իրենց եզրերի վրա շարենք կարպետի վրա և ապա Միշելի ցույց տված եղանակով շարժենք երկրաշարժի ալիքի ձևով. կտեսնենք, որ նրանց անկումը կատարվում է հեշտ կամ դժվար, նայած թե նրանց ուղղությունն ինչպիսի մոտիկություն ունի կամ ինչպես է համընկնում ալիքների ուղղությանը։ Գետնի ճեղքվածքներն ընդհանրապես, թեև ոչ միօրինակ, տարածվում էին հարավ-արևելք և հյուսիս-արևմուտք, ուստի և համապատասխանում էին ալիքի գծին կամ գլխավոր կորի ուղղությանը։ Այս բոլորը նկատի ունենալով, որտեղ պարզ ցույց է տրված հարավ-արևմտյան ուղղությունը որպես խախտման գլխավոր ֆոկուս, ապա հետաքրքրական է դառնում այն փաստը, որ Սանտա Մարիա կղզին, որը գտնվում է այդ մասում, ցամաքի ընդհանուր բարձրացման ժամանակ մոտ երեք անգամ ավելի շատ էր բարձրացել, քան ափի որևէ մաս։

Պատերի ցուցաբերած տարբեր դիմադրությունը, համաձայն իրենց ուղղությունների, ամենից լավ արտահայտվում էր տաճարի վրա։ Հյուսիս-արևելք նայող կողմը ներկայացնում էր ավերակների մի մեծ կույտ, որի մեջտեղը տնկվել էին դռների շրջանակներ և փայտյա մնացորդներ, որոնք, կարծեք թե, գետում լողում էին։ Աղյուսյա շարվածքի մի քանի անկյունավոր կոշտեր ունեին զդալի մեծություն և գլորվել էին բավականին հեռու՝ հարթ հրապարակը, ինչպես բարձր սարից դեպի հիմքը գլորված ապառի բեկորները։ Կողքի պատերը (հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք), թեև ծայր աստիճան ճաքճքված, բայց և այնպես կանգուն էին մնացել, մինչ հսկայական հենապատերը (որոնք նրանց հետ ուղղանկյուն են կազմում, հետևաբար և զուգահեռ ընկած պատերին) շատ դեպքերում կատարելապես մաքրվել էին, կարծեք թե դուրով կտրել և գետին էին շպրտել։ Մի քանի քառակուսի օրնամենտներ, որոնք գտնվում էին այս պատերի քիվի վրա, երկրաշարժից դիագոնալային դիրք էին ստացել։ Նույն բանը նկատվել է և Վալպարայսոյի, Կալաբրիայի և այլ տեղերի երկրաշարժներից հետո, ներառյալ հին հունական տաճարներից մի քանիսը։[166] Այս ոլորուն տեղափոխությունն սկզբում թվում էր թե ցույց է տալիս հորձանուտ շարժում այս ազդվող մասի յուրաքանչյուր կետի տակ, բայց այս շատ անհավանական է։ Արդյոք այս չի՞ առաջանում տատանման գծի նկատմամբ յուրաքանչյուր քարի որոշ առանձնահատուկ դիրքով դասավորվելու ձգտումից, ինչպես այդ տեսնում ենք թղթի թերթիկի վրա լցված գնդասեղների մոտ, երբ ցնցում ենք թուղթը։ Ընդհանուր առմամբ կամարաձև դռների կամ պատուհանների տեղերը շատ ավելի լավ էին մնացել, քան շենքի որևէ այլ մաս։ Այնուամենայնիվ մի խեղճ կաղ ծերունի, որը սովորություն էր արել փոքրիկ ցնցումների ժամանակ փախչել դռների մեջ, այս անգամ բոլորովին ճզմվել էր։

Ես չեմ փորձել Կոնսեպսիոնի տեսքի մանրամասն նկարագրությունը տալ, որովհետև ես կարծում եմ, որ բոլորովին հնարավոր չէ հաղորդել իմ ստացած խառն զգացողությունները։ Սպաներից մի քանիսն ինձնից շուտ էին այցելել այնտեղ, բայց նրանց ամենաուժեղ լեզուն չէր կարող տալ ավերածության տեսարանի ճիշտ պատկերը։ Դառն է տեսնել, թե ի՜նչպիսի գործեր, որոնց ստեղծելն այնքան ժամանակ և էներգիա է խլել մարդկանցից, հողակույտերի են վերածվում մի րոպեում, բայց և այնպես կարեկցությունը դեպի բնակիչները գրեթե անմիջապես մի կողմ է վանվում, երբ մեկը զարմացած և ապշած տեսնում է, թե ինչպես իրերի դրությունը փոխվում է մի ակնթարթում, որը մենք սովոր ենք վերադրել իրար հաջորդող մի քանի դարաշրջանների։ Իմ կարծիքով Անգլիայից դուրս գալուց հետո հազիվ թե այդքան խորը հետաքրքրական տեսարան տեսած լինենք։

Գրեթե յուրաքանչյուր ուժեղ երկրաշարժի ժամանակ, ասում են, որ ծովի մոտակա ջրերը մեծ չափերով խանգարվում են։ Այդ խանգարումն ընդհանրապես, ինչպես տեսնում ենք Կոնսեպսիոնի դեպքից, երկու տեսակ է լինում. առաջին՝ ցնցման վայրկյանին ջուրը ծովեզրն է բարձրանում մի մեղմ շարժումով և ապա արագ նահանջում. երկրորդ՝ որոշ ժամանակից հետո ծովի ամբողջ զանգվածը. քաշվում է ափից և ապա վերադառնում ահռելի, հեղեղող ուժով։ Առաջին շարժումը թվում է թև անմիջական հետևանք է երկրաշարժի, որը տարբեր կերպով է ազդում պինդ և հեղուկ նյութի վրա, այնպես որ նրանց հարաբերական մակարդակները խանգարվում են, բայց երկրորդ կետը շատ ավելի կարևոր երևույթ է։ Չատ երկրաշարժների ժամանակ, և մասնավորապես Ամերիկայի արևմտյան ափին առաջացած երկրաշարժների դեպքում, հաստատված է, որ ջրերի առաջին մեծ շարժումը նահանջելն է եղել։ Մի շարք հեղինակներ փորձել են բացատրել այս, ենթադրելով, որ ջուրը մնում է իր մակարդակին, իսկ ցամաքը ճոճվելով բարձրանում է վեր, բայց պետք է ասել, որ ցամաքին մոտիկ ջուրը, մինչև անգամ խիստ զառիվայր ափի վրա, կմասնակցեր հատակի շարժմանը, նմանապես, ինչպես պնդում է մր. Լայելը, ծովի այդպիսի շարժումներ պատահել են այնպիսի կղզիների վրա, որոնք երկրաշարժի գլխավոր. գծից շատ հեռու են եղել, ինչպես Խուան Ֆերնանդեսը այս երկրաշարժի ժամանակ և Մադերան՝ Լիսաբոնի հռչակավոր երկրաշարժի ժամանակ։ Ես ենթադրում եմ (թեև այս խնդիրը շատ մութ է, որ ալիքը, ինչպես էլ որ նա առաջանա, նախ ջուրը ետ է քաշում ափից, որի վրա նա առաջանալով ուզում է փշրվել։ Ես նկատել եմ, որ այս պատահում է փոքրիկ ալիքների հետ, որոնք առաջանում են շոգենավակի թիակից։ Նշանակալի է այն, որ մինչդեռ Տալկահուանոն և Կալաոն (Լիմայի մոտ), որոնք գտնվում են մեծ ծանծաղ ծովածոցերի ափին, յուրաքանչյուր ուժեղ երկրաշարժի ժամանակ ենթակա են եղել մեծ ալիքների հարվածներին, ընդհակառակը, Վալպարայսոն, որը գտնվում է չափազանց խորը ջրի անմիջական եզրին, երբեք չի հեղեղվեի թեև շատ հաճախ է ցնցվել ուժեղ երկրաշարժներից։ Նկատի ունենալով, որ մեծ ալիքը ոչ թե անմիջապես է հաջորդում երկրաշարժին, այլ երբեմն մինչև անգամ կես ժամ ընդմիջումից հետո, և այն, որ հեռավոր կղզիները ենթարկվում են այն ազդեցության, ինչ ազդեցության որ ենթարկվում են երկրաշարժի ֆոկուսին մոտիկ գտնվող ափերը, ուստի այստեղից պարզվում է, որ ալիքը նախ բարձրանում, է բաց ծովում. և քանի որ այս ընդհանուր երևույթ է, պատճառը նույնպես պետք է ընդհանուր լինի. ես ենթադրում եմ, որ մենք պետք է նկատի ունենանք որպես մեծ ալիքի առաջացման սկզբնական տեղ այն գիծը, որտեղ խորը օվկիանոսի համեմատաբար քիչ խանգարված ջրերը միանում են ափին մոտիկ ջրերին, որը մասնակից է եղել ցամաքի շարժմանը։ Պետք է ավելացնել և այն, որ ալիքի մեծ կամ փոքր լինելը կախված է ծանծաղ ջրի տարածությունից, որն իր հունի հետ միաժամանակ շարժման մեջ է լինում։

Այս երկրաշարժի ամենանշանավոր էֆեկտը ցամաքի մնայուն բարձրանալն էր։ հավանորեն շատ ճիշտ կլինի, եթե նրա պատճառը համարենք երկրաշարժը։ Կասկած չկա, որ Կոնսեպսիոնի ծոցի շրջապատի ցամաքը երկու-երեք ոտնաչափ բարձրացել էր, բայց ուշադրության արժանի է այն, որ շնորհիվ այն բանի, որ ալիքը ոչնչացրել էր ավազոտ ափի վրայի մակընթացության գծի հետքերը, ես չէի կարող հայտնաբերել այս փաստի ապացույցները, եթե չհաշվենք բնակիչների միացյալ վկայությունը մի ապառաժոտ ծանծաղուտի բացվելու մասին, որը երկրաշարժից առաջ ջրի տակ է եղել։ Սանտա Մարիա կղզու վրա (մոտավորապես երեսուն մղոն հեռավորության վրա) բարձրացումը շատ ավելի մեծ էր։ Կղզում մի մասում կապիտան Ֆից Ռոյը գտավ քայքայվող ձկնականջ խեցիների շերտեր, որոնք դեռ կպած էին ժայռերին, մակընթացության գծից տասը ոտնաչափ բարձր. բնակիչներն առաջ այս խեցիների համար սուզվում էին ջրի մեջ մինչև անգամ լիալուսնի տեղատվության ժամանակ։ Այս շրջանի բարձրանալն առանձնապես հետաքրքրական է, որովհետև նա եղել է մի քանի այլ ուժեղ ցնցումների թատերաբեմը, և նրա մակերեսին, մինչև 600 և հավանորեն 1000 ոտնաչափ բարձրության վրա ցրված են անհաշիվ թվով ծովախեցիներ։ Վալպարայսոյում, ինչպես ես նկատել եմ, այդպիսի խեցիներ պատահում են մինչև 1300 ոտնաչափ բարձրության վրա. հազիվ թե կարելի լինի կասկածել, որ այս բարձրացումն արդյունք չէ հաջորդական փոքր բարձրացումների, ինչպես այդ տեսնում ենք այս տարվա երկրաշարժից հետո. միաժամանակ գոյություն ունի անըմբռնելի դանդաղ բարձրացում, որն անպայման պրոգրեսի մեջ է գտնվում այս ափի մի քանի մասերում։

Խուան Ֆերնանդեսի կղզին, 360 մղոն հեռու՝ հյուսիս-արևելյան կողմում, փետրվարի 20-ի մեծ երկրաշարժի ժամանակ շատ ուժեղ ցնցվում է, այնպես որ ծառերն իրար են զարկվում, ցնցմանը հաջորդում է հրաբխային ժայթքում ջրի տակից՝ ափին խիստ մոտիկ։ Այս փաստերը շատ նշանակալի են, որովհետև այս կղզին 1751 թվի երկրաշաբժի ժամանակ ևս ավելի ուժեղ էր ազդվել, քան Կոնսեպսիոնից հավասար հեռավորության վրա գտնվող որևէ այլ վայր. այս ցույց է տալիս, որ այս երկու կետերի մեջ պետք է որ որոշ ստորերկրյա կապ գոյություն ունենա, Չիլոեն, որը 340 մղոն Կոնսեպսիոնից հարավ է գտնվում, ըստ երևույթին ավելի ուժեղ է ցնցվել, քան Վալդիվիայի միջանկյալ շրջանը, որտեղ Վիլարիկա հրաբուխը բոլորովին չէր ազդվել, մինչդեռ Կորդիլյերներում, Չիլոեի դիմացը հրաբուխներից երկուսը նույն վայրկյանում ժայթքում են վայրագ ուժով։ Այս երկու հրաբուխը և մի քանի հարևան այլ հրաբուխներ երկար ժամանակ շարունակում են ժայթքել և տասն ամիս հետո նորից են ազդվում Կոնսեպսիոնում տեղի ունեցող մի նոր երկրաշարժից։ Այս հրաբուխներից մեկի ստորոտին մոտիկ մի քանի մարդ փայտ կտրելիս չեն զգացել 20-ի երկրաշարժը, չնայած որ սարը շրջապատող ամբողջ շրջանն ուժեղ երերման մեջ է եղել. այստեղ մենք ունենք մի ժայթքում, որը մեղմում և փոխարինում է երկրաշարժին, ինչպես այդ կարող էր պատահել Կոնսեպսիոնում, եթե, ըստ հասարակ ժողովրդի համոզմունքի, Անտուկո հրաբուխը չփակեին կախարդ հնդիկ կանայք։ Երկու և երեք քառորդ տարի հետո Վալդիվիան և Չիլոեն նորից են ցնցվում և այս անգամ ավելի ուժգին, քան 20-ի երկրաշարժը, և Չոնոսի արշիպելագի մի կղզի ընդմիշտ բարձրանում է ավելի քան ութ ոտնաչափ։ Շատ ավելի լավ գաղափար կարելի է կազմել այս երևույթների վերաբերյալ, եթե (ինչպես արինք սառցադաշտերի դեպքում) ենթադրենք, որ այդ երկրաշարժները տեղի էին ունենում Եվրոպայում, համապատասխան հեռավորությունների վրա։ Այդ դեպքում ցամաքը հյուսիսային ծովից (Գերմանական) մինչև Միջերկրական ծովը կենթարկվեր վայրագ ցնցումների, միաժամանակ Անգլիայի արևելյան ափից մի զգալի տարածություն ընդմիշտ կբարձրանար ծովի հատակից, իսկ ծովում, ափից քիչ հեռու, կառաջանային նոր կղզիներ։ Հոլանդիայի ափերին կսկսեին գործել մի խումբ հրաբուխներ, իսկ ծովի հատակից, Իռլանդիայի հյուսիսային վերջավորության մոտիկ, տեղի կունենային ժայթքումներ, և վերջապես, Օվեռնի, Կանտալ և Մոն դ’Օր լեռների հին հրանցքերը դեպի երկինք կուղարկեին ծխի մութ սյուներ և երկար ժամանակ կմնային որպես ակտիվ գործող հրաբուխներ։ Երկու և երեք քառորդ տարի հետո Ֆրանսիան իր կենտրոնական մասից մինչև Լամանշը նորից կամայանար երկրաշարժից, և Միջերկրականում ընդմիշտ կբարձրանար մի նոր կղզի։

Այն տարածությունը, որի տակից 20-ին ժայթքում էր հրաբխային նյութը, ուներ 720 մղոն երկարություն և 400 մղոն լայնություն. ուստի ամենայն հավանականությամբ այստեղ տարածված՝ գոյություն ունի լավայի ստորերկրյա մի լիճ, մոտավորապես երկու անգամ ավելի մեծ, քան Սև ծովը։ Նկատի ունենալով այն սերտ և բազմազան կապը, որով այս երևույթների ժամանակ արտահայտվում է բարձրացնող և ժայթքող ուժերի ներքին կապակցությունը, մենք կարող ենք ամենայն վստահությամբ գալ այն եզրակացության, որ այն ուժերը, որոնք դանդաղ և փոքր ցնցումներով կոնտինենտները (մայր ցամաք) վեր բարձրացնող ուժերը և բաց անցքերի պարբերաբար հրաբխային նյութ դուրս նետող ուժերը, նույնն են։ Բազմաթիվ պատճառներից ես համոզված եմ, որ երկրի հաճախակի երերումներն այս ափին առաջանում են շերտերի խզումներից, որոնք անհրաժեշտ հետևանք են բարձրացումից առաջացած լարվածության և նրանց մեջ հեղուկացած ապառի ներարկման։ Այս խզումները և լավային ներարկումները եթե բավականին հաճախ են կրկնվում և մենք գիտենք, որ երկրաշարժները կրկնվելով միևնույն տարածությունների վրա՝ ազդում են նույն եղանակով, կազմում են բլուրների մի շղթա և երկարավուն Սանտա Մարիա կղզին, որը բարձրացել էր շրջապատի երկրի եռակի բարձրության, թվում է, թե գտնվում է այդ պրոցեսի մեջ։ Ես կարծում եմ, որ մի լեռան պինդ առանցքն իր առաջացման ձևով հրաբխային բլրից տարբերվում է միայն այն բանով, որ մեկն արդյունք է պարբերաբար ներարկվող հալված քարի, իսկ մյուսը՝ կրկնվող ժայթքումների. բացի այղ, կարծում եմ, չի կարելի բացատրել Կորդիլյերների նման մեծ լեռնաշղթաների կաոուցվածքը, որտեղ շերտերը, ինչպես գլխարկ ծածկելով պլուտոնական ծագում ունեցող ներարկվող ապառների առանցքը, տարածվում են մի քանի զուգահեռ և հարևան բարձրությունների շարքերի կողերի վրա, եթե չընդունենք, որ առանցքը կազմող ապառները մի քանի անգամ են ներարկվել, և ընդմիջումներն էլ այնքան են տևել, որպեսզի վերին մասերը կամ սեպերը ժամանակ ունենային սառչելու և ամրանալու, որովհետև եթե շերտերը նետված լինեին իրենց այժմյան վերին աստիճանի թեք, ուղղահայաց և մինչև անգամ շրջված դիրքով, երկրի անմիջական ընդերքը մի հարվածից դուրս կհոսեինք և փոխանակ տեսնելու ապառների զառիվայր լեռնային առանցքներ, որոնք պնդանում են մեծ ճնշման տակ, կառաջանային լավային հեղեղներ, որոնք անհաշիվ կետերով կհոսեին բարձրության բոլոր ուղղություններով։[167]


ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՆՑՈՒՄԸ ԿՈՐԴԻԼՅԵՐՆԵՐՈՎ

Վալպարայսո.— Պորտիլյոյի լեռնանցքը.— Խելացի ջորիներ.— Լեռնային հեղեղներ.— Հանքեր, նրանց հայտնաբերումը.— Կորդիլյերների աստիճանական բարձրացման ապացույցները.— Ձյան ազդեցությունը ժայռերի վրա.— Երկու գլխավոր յեռնաշյլթաների երկրաբանական կառուցվածքը, նրանց տարբեր ծագումը և բարձրացումը.— Մեծ նստվածքներ.— Կարմիր ձյուն.— Քամիներ.— Ձյան սուր գագաթներ.— Չոր և թափանցիկ մթնոլորտ.— Էլեկտրականություն.— Պամպասներ.— Անդերի հակադիր կողմերի կենդանական աշխարհը.— Մորեխներ.— Հսկա փայտոջիլներ. Մենդոսա.— Ուսպալատայի լեռնանցքը.— Քարացած ծառեր՝ աճելիս թաղված.— Ինկերի Կամուրջը.— Լեռնանցքերի վատության մասին եղած չափազանցությունները.— Կումբրե.— Կազուչի.— Վալպարայսո։

Մարտի 7, 1835.— Կոնսեպսիոնում մնացինք երեք օր և ապա նավարկեցինք դեպի Վալպարայսո։ Քամին հյուսիսից լինելով՝ հազիվ Կոնսեպսիոնի նավահանգստի մուտքը հասանք մութն ընկնելուց առաջ։ Որովհետև ցամաքին շատ մոտիկ էինք և մառախուղն իջել էր մեզ վրա, ուստի որոշեցինք խարիսխ գցել։ Շուտով մեր կողքին երևաց ամերիկյան կետորսական մի մեծ նավ, և մենք լսում էինք, թե ինչպես յանկին կշտամբում էր իր մարդկանց, պահանջելով նրանցից՝ իրենց հանգիստ պահեն, երբ ինքն ունկնդրում է ափին զարկվող ալիքների ձայնին։ Կապիտան Ֆից Ռոյը բարձր, պարզ ձայնով բղավեց նրան խարիսխ գցել այնտեղ, որտեղ գտնվում էր։ Խեղճ մարդուն հավանորեն այնպես թվաց, թե ձայնը ափից է գալիս. նավից արձակեցին իսկական բաբելոնական մի աղմուկ. ամեն ոք գոռում էր՝ «խարիսխ գցե՛լ, արձակե՛լ կաբելները, կարճացնե՛լ առագաստները»։ Այդ իմ լսած ամենածիծաղելի բանն էր։ Եթե նավի ամբողջ անձնակազմը նավապետներ լինեին, և ոչ նավաստի կամ այլ մարդիկ, այնքան մեծ աղմուկ չէր բարձրանա հրամաններից։ Շուտով պարզվեց, որ օգնական նավապետը կակազում էր, և, ենթադրում եմ, որ ամբողջ նավակազմն օգնում էր նրան հրամաններ արձակելու ժամանակ։

Ամսի 11-ին խարիսխ գցեցինք Վալպարայսոյում, և երկու օր հետո ձեռնարկեցի Կորդիլյերներն անցնել։ Նախ գնացի Սանտ Յագո, որտեղ մր. Կալդկլյուն վերին աստիճանի սիրալիր կերպով, բոլոր հնարավոր միջոցներով օգնեց ինձ անհրաժեշտ փոքրիկ նախապատրաստությունները տեսնելիս, Չիլիի այս մասում Անդերը երկու լեռնանցք ունեն, որոնք տանում են, Մենգոսա. ավելի շատ գործածվողը, այն է՝ Ակոնգակուայի կամ Ուսպալատայի լեռնանցքը, որոշ չափով հյուսիս է գտնվում. մյուսը՝ Պորտիլյոյի անցքը, հարավումն է և ավելի մոտիկ, բայց ավելի բարձր ու վտանգավոր։

Մարտի 18.— Ճանապարհ ընկանք դեպի Պորտիլյոյի լեռնանցքը։ Թողնելով Սանտ Յագոն՝ անցանք լայն խանձված հարթավայրով, որի վրա կառուցված է քաղաքը, և երեկոյան հասանք Մայպու՝ Չիլիի ամենագլխավոր գետերից մեկը։ Հովտի այն մասում, որտեղ նա մտնում է առաջին Կորդիլյերները, երկու կողմից բարձրանում են բարձր լերկ լեռներ, և թեև այս հովիտը լայն չէ, բայց չափազանց արգավանդ է։ Բազմաթիվ տնակներ շրջապատված էին խաղողի և խնձորի այգիներով և դեղձի ծառերով — նրանց ճյուղերը կոտրատվում էին գեղեցիկ հասունացած պտուղների ծանրությունից։ Երեկոյան անցանք մաքսատուն, որտեղ քննեցին մեր ճանապարհորդական պայուսակները։ Չիլիի սահմանը Կոբդիլյեբների կողմից ավելի լավ է պահվում, քան ծովի կողմից։ Շատ քիչ հովիտներ կան, որոնք հասնում են մինչև կենտրոնական լեռնաշղթաները, իսկ լեռներն այլ մասերում բոլորովին անանցանելի են բեռնակիր անասունների համար։ Մաքսատան պաշտոնյաները շատ քաղաքավարի էին, որը գուցե մասամբ արդյունք էր ռեսպուբլիկայի նախագահի կողմից ինձ տված անցագրի, բայց և այնպես ես պետք է արտահայտեմ իմ հիացմունքը գրեթե յուրաքանչյուր չիլիեցու բնական քաղաքավարության վրա։ Այս խնդրում խիստ նկատելի էր նույն կարգի բազմաթիվ այլ երկրների մարդկանց և սրանց մեջ գոյություն ունեցող տարբերությունը։ Ես կարող եմ հիշել մի դեպք, որն ինձ ժամանակին շատ է ուրախացրել. Մենդոսայի մոտ հանդիպեցինք մի փոքրիկ շատ գեր նեգրուհու՝ ջորի հեծած, ինչպես տղամարդ։ Նա իր վզին ուներ այնպիսի մի մեծ ուռուցք, որ հազիվ թե հնարավոր լիներ անցնել նրա մոտով՝ առանց մի րոպե աչքը նրա վրա հառելու. բայց իմ երկու ընկերակիցները գրեթե վայրկենապես, չքմեղանքով, արտահայտեցին այդ երկրին հատուկ ողջույնը՝ վերցնելով իրենց գլխարկները։ Եվրոպայում որտեղ կարելի է գտնել ցածր կամ բարձր դասի մի անձնավորություն, որը ցույց տար մի արհամարհված ցեղի խեղճ և ողորմելի ներկայացուցչի հանդեպ այդպիսի քաղաքավարի զգացմունք և վերաբերմունք։

Գիշերը քնեցինք մի տնակում։ Մեր ճանապարհորդելու եղանակը սքանչելիորեն անկախ էր։ Մարդաբնակ մասերում գնեցինք քիչ վառելափայտ, կենդանիների համար վարձեցինք արոտատեղ և բացօթյա գիշերեցինք նրանց հետ, միևնույն դաշտի մի անկյունում։ Մեզ հետ վերցրել էինք երկաթյա մի աման, և մեր ընթրիքը եփեցինք ու կերանք անամպ երկնքի տակ, և ոչ մ ի նեղություն չէինք զգում։ Ինձ ուղեկցում էին Մարիանո Գոնսալեսը, որն առաջ մի անգամ ինձ ուղեկցել էր Չիլիում, մի „arriero”[168] իր տասը ջորիներով և մի մադրինա։ Մադրինան (սանամայր) մի վերին աստիճանի կարևոր դեմք է. նա մի ծեր, դիմացկուն և անհողդողդ զամբիկ է, վզին մի փոքրիկ զանգ, և որտեղ որ նա գնում է, ջորիները հնազանդ երեխաների նման հետևում են նրան։ Այս կենդանիների սերը դեպի իրենց մադրինաները ազատում է մարդկանց բազմաթիվ ավելորդ նեղություններից։ Եթե մի քանի մեծ խմբեր միասին արածում են մի դաշտում, առավոտյան ջորեպանը միայն մադրինաները խառնված խմբերից բաժանում է և նրանց վզներից կախված զանգը հնչեցնում, ու յուրաքանչյուր ջորի անմիջապես ճանաչելով իր մադրինայի զանգակի ձայնը, գալիս է նրա մոտ, չնայած որ շատ հաճախ այդ ջորիները թվով երկու կամ երեք հարյուրի էին հասնում։ Գրեթե անկարելի է, որ ծերացած ջորին կորչի, որովհետև եթե բռնի ուժով մի քանի ժամ պահեն նրան, նա շան նման կկարողանա, հոտառությամբ հետևելով իր ընկերներին, գտնել նրանց կամ ավելի շուտ՝ մադրինային, որովհետև, ըստ ջորեպանի, սիրո գլխավոր օբեկտը նա է։ Սակայն պետք է նշել, որ այդ զգացմունքն անհատ մադրինային չի վերաբերում, որովհետև ես հավատացած եմ, որ ճիշտ կլինի, եթե ասեմ, որ եթե որևէ ջորու վզից զանգը կախեն, նա կկատարի մադրինայի դերը։ Կարավանում յուրաքանչյուր կենդանի հարթ ճանապարհով կարող է տանել 416 ֆունտ (մեկ ֆունտը 453 գրամ է) բեռ, իսկ լեռնոտ երկրում 100 ֆունտ պակաս է տանում։ Այսպիսով, նուրբ, վտիտ ոտքերով, առանց համապատասխան մկանների զանգվածի, այս կենդանիներն այդպիսի մեծ բեռներ են կրում։ Ջորիներն իմ աչքում վերին աստիճանի զարմանալի կենդանիներ են երևում։ Որ հիբրիդն ունենում է ավելի շատ խելացիություն, հիշողություն, համառություն, ընկերական սեր, մկանային դիմացկունություն և կյանքի երկար տևողություն, քան իր ծնողներից որևէ մեկը, ցույց է տալիս, որ արհեստականն այստեղ գերազանցում է բնությանը։ Մեր տասը կենդանիներից վեցը հեծնելու համար էինք վերցրել, իսկ չորսը մեր բեռները տանելու համար. իհարկե, բեռնատար և հեծնելու կենդանիները միշտ փոխում էինք։ Մենք մեզ հետ բավական շատ սննդամթերք էինք վերցրել՝ նախապատրաստված լինելով ձյունով փակվելու դեպքերի համար, որովհետև ժամանակն ուշ էր Պորտիլյոն անցնելու համար։

Մարտի 19.— Այսօր մենք հասանք հովտի ամենավերջին, ուստի և ամենաբարձր դիրք ունեցող տունը։ Բնակիչների թիվը հետզհետե սակավացել էր, բայց այնտեղ, որտեղ կարողանում էին ոռոգել, շատ արգավանդ վայր էր դառնում։ Կորդիլյերների բոլոր գլխավոր հովիտները բնորոշ են իրենց երկու կողմերում գոյություն ունեցող մանր խճերի կամ ավազի տերրասով (սանդղեվանդ), որը լավ շերտավորված չէ և բավականին հաստություն ունի։ Այս տերրասներն ակներևաբար մի ժամանակ տարածվել են հովիտների մի կողմից մյուսը և միացած են եղել. և հյուսիսային Չիլիում, որտեղ գետեր կամ գետակներ չկան, հովիտների հատակն այսպես ամբողջովին լցվել է։Այս տերրասների վրայով են ընդհանրապես անցնում ճանապարհները, որովհետև նրանց մակերեսները հարթ են և հովտով բարձրանում են փոքր թեքությամբ, և կարելի է ոռոգելով հեշտությամբ մշակել։ Սրանք տարածվում են 7000-ից մինչև 9000 ոտնաչափ բարձր, որտեղից սկսած նրանք ծածկված են լինում դեբրիզների (ապառների բեկորներ) անկանոն կույտերով։ Հովի տների ստորին մասում կամ բերաններում սրանք մշտապես միացած են լինում գլխավոր Կորդիլյերների ստորոտում ցամաքով փակված հարթավայրերին (նույնպես կազմված մանր խճերից), որոնց ես նախորդ գլուխներից մեկում նկարագրել եմ որպես Չիլիի տեսարանների մի հատկանշական կողմ, և որոնք անկասկած նստել են ծովը Չիլիի խորքերը թափանցելու ժամանակ, ինչպես այժմ այդ կատարվում է հարավային ափերին։ Հարավային Ամերիկայի երկրաբանության մեջ ոչ մի փաստ ինձ այնքան չի հետաքրքրել, որքան մանրախճերի անկանոն շերտավորված տերրասները։ Նրանք իրենց կաոուցվածքով ճիշտ նման են յուրաքանչյուր հովտում հեղեղատների բերած և նստեցրած նյութին, երբ նրանց (հեղեղատների) ընթացքը խափանվում է որևէ պատճառով, օրինակ՝ երբ նրանք մտնում են մի լիճ կամ ծովախորշ. բայց պետք է ասել, որ հեղեղատներն այստեղ այժմ, փոխանակ նյութ նստեցնելու, գլխավոր և կողմնակի հովիտների ամբողջ երկայնքով անընդհատ մաշում տանում են և՛ պինդ ապառը, և՛ այս ալուվիալ (ողողատային) նստվածքները։ Այստեղ հնարավոր չէ տալ այս նստվածքների պատճառները, բայց ես համոզված եմ, որ այդ մանրախճի տերրասները Կորդիլյերների աստիճանական բարձրացման ժամանակամիջոցում կուտակել են հեղեղատները, որոնք հաջորդական բարձրություններում, ծովի երկար և նեղ խորշերի ափին, նախ հովտի վերին մասում և ապա հետզհետե ներքև, բարձրացող ցամաքի վրա թողել են իրենց թեքած մնացորդները։ Եթե այդ այդպես է, որի ճշտության վրա ես չեմ կասկածում, Կորդիլյերների մեծ և կոտրված շղթան, փոխանակ հանկարծակի վեր նետվելու, ինչպես այդ մինչև վերջին ժամանակները հանդիսանում էր բոլորի, իսկ այժմ էլ շատ երկրաբանների կարծիքը, պետք է որ աստիճանաբար դանդաղ բարձրացած լինի ամբողջ զանգվածով, ճիշտ այնպես, ինչպես Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների ափերը՝ ներկա դարաշրջանում։ Այս տեսությամբ Կորդիլյերների կառուցվածքի վերաբերյալ բազմաթիվ փաստեր կարելի է բացատրել շատ պարզ կերպով։

Այս հովիտներից հոսող գետերն ավելի շուտ լեռնային հեղեղատներ պետք է անվանել։ Նրանց թեքությունը շատ մեծ է, իսկ ջուրը տղմի գույն ունի։ Մայպուի որոտը, որն առաջանում էր մեծ, կլորացած ժայռերի վրայով խուժելիս, նման էր ծովի ձայնին։ Այդ արագ սահող ջրերի աղմուկի մեջ մի քարը մի այլ քարի դիպչելուց առաջացած շառաչը շատ պարզ լսելի էր մինչև անգամ հեռվից։ Այս շառաչող ձայնը գիշեր-ցերեկ կարելի է լսել հեղեղատի ամբողջ երկայնության վրա։ Այդ ձայնը շատ պերճորեն խոսում էր երկրաբանի հետ. հազար հազարավոր քարեր, որոնք խփվելով իրար առաջացնում էին այդ միօրինակ, խուլ ձայնը, բոլորն էլ արագ շարժվում էին միևնույն ընդհանուր ուղղությամբ։ Այդ նման էր ժամանակին, որտեղ յուրաքանչյուր սահող րոպե անցնում է անվերադարձ։ Այդպես և այս քարերը. նրանց հավիտենական կայանն օվկիանոսն է, և այդ վայրագ երաժշտության յուրաքանչյուր նոտա արտահայտում էր մի նոր քայլ դեպի նրանց վերջնական կայանը։ Հնարավոր չէ մտքով ըմբռնել որևէ էֆեկտ, որն առաջանում է այդքան հաճախ կրկնվող պատճառից, այդ կատարվում է դանդաղ պրոցեսով և կարելի է հասկանալ երկար և խորը մտածելուց հետո միայն։ Այդ հարվածները հաշվողն ավելի որոշակի գաղափար չի կարող կազմել, քան վայրենին՝ երբ մատնացույց է անում իր գլխի մազերի շատությունը, հաճախ, երբ ես տեսել եմ տղմի, ավազի և մանրախճի շերտեր՝ մի քանի հազար ոտնաչափ հաստությամբ կիտված, հակամետ եմ եղել բացագանչելու, որ այնպիսի պատճառներ, ինչպես ներկայի գետերն ու ծովեզրերն են, երբեք չեն կարող աղալ, մաշել և այսպիսի զանգվածներ առաջացնել։ Բայց մյուս կողմից երբ լսում եմ այս հեղեղատների շառաչող ձայնը և աչքի առաջ բերում այն, որ կենդանիների ամբողջ ցեղեր անհետացել են երկրի երեսից, և այս ամբողջ ժամանակամիջոցում գիշեր-ցերեկ այս քարերը շառաչելով դեպի առաջ են շարժվում իրենց ընթացքով, հարց եմ տվել ինձ, թե արդյոք որևէ լեռ կամ ցամաքամաս կարո՞ղ է այս ջրին դիմադրել։

Հովտի այս մասում լեռները երկու կողմից էլ ունեին 3000, 6000 և 8000 ոտնաչափ բարձրություն, կլորացած ուրվագծերով և դիք, լերկ կողերով։ Ժայռերն ունեին ընդհանուր, աղոտ ծիրանի գույն, իսկ շերտավորումը նկատվում էր շատ պարզ և որոշակի։ Եթե այդ տեսարանը գեղեցիկ չէ, համենայն դեպս նա թողնում է յուրահատուկ և հոյակապ տպավորություն։ Ցերեկը հանդիպեցինք խոշոր եղջերավոր կենդանիների բազմաթիվ նախիրների, որ մարդիկ բարձր Կորդիլյերների հովիտներից քշում էին ներքև։ Ձմեռվա մոտիկության այս նշանը մեր քայլերն ավելի էր արագացնում, քան այդ թույատրվում է երկրաբանին։ Այն տունը, որտեղ մենք գիշերել էինք, գտնվում էր մի լեռան ստորոտում, որի գագաթին գտնվում են Սան Պեդրո դե Նոլասկոյի հանքերը։ Սըր Ֆ. Հեդն ապշել է, թե ի՛նչպես են հանքերը հայտնաբերվել այնպիսի արտաքո կարգի դիրք ունեցող վայրում, ինչպես Սան Պեդրո դե Նոլասկո լեռան լերկ գագաթն է։ Նախ և առաջ այս երկրում մետաղական երակներն ընդհանրապես ավելի կարծր են լինում, քան շրջապատող շերտերը, այստեղից էլ բլուրների աստիճանական մաշումից նրանք ցցված են լինում գետնի մակերեսից վերև։ Երկրորդ՝ գրեթե ամեն մի աշխատող մարդ, մասնավորապես Չիլիի հյուսիսային մասերում, որոշ չափով հասկանում է մետաղական հանածոների արտաքին տեսքից։ Կոկիմբո և Կոպիապո հանքային մեծ ռայոններում վառելափայտը շատ սակավ է, և մարդիկ փայտ ճարելու համար թափառում են ամեն մի բլուր և հովիտ. և այսպիսով հայտնաբերվել են գրեթե բոլոր հարուստ հանքերը։ Չանունսիլյոն, սրտեղից մի քանի տարվա ընթացքում ստացվել է մի քանի հարյուր հազար ֆունտ ստերլինգի արժողությամբ արծաթ, հայտնաբերել է մի մարգ, որն իր բարձած էշի հետևից մի քար է նետում և ապա մտածելով, որ այդ քարը շատ ծանր է, վերցնում է և բերում տուն. պարզվում է, որ քարը լի է մաքուր արծաթով։ Հանքի երակն այդ վայրից շատ հեռու չի լինում. նա գցված է լինում գետնին, ինչպես մետաղի սեպ։ Հանքագործները հաճախ կիրակի օրերը մի երկաթաձող (լոմ) վերցնելով՝ թափառում են լեռները։ Չիլիի այս հարավային մասում սովորական հայտնաբերողներն անասունները Կորդիլյերները տանող մարդիկն են, որոնք .այցելում են ամեն մի կիրճ, որտեղ մի փոքր արոտատեղ կա։

Մարտի 20.— Որչափ հովտով բարձրանում էինք, այնքան բուսականությունը, բացառությամբ մի քանի ալպյան գեղեցիկ ծաղիկների, հետզհետե աղքատանում էր, իսկ չորքոտանիներ, թռչուններ և միջատներ գրեթե բոլորովին չէին երևում։ Բարձր լեռները, որոնց կատարները տեղ-տեղ ծածկված էին ձյունով, կանգնած էին իրարից անջատ, իսկ հովիտները լցված էին ահռելի հաստությամբ շերտավորված ալուվիումով։ Անդերի տեսարաններում ինձ համար ամենատպավորիչ գծերը, որոնք ինձ ծանոթ այլ լեռնաշղթաների նկատմամբ հակապատկեր էին ներկայացնում, հետևյալներն էին. հարթ զոլերը, որոնք ընդարձակվելով վերածվում էին նեղ հարթավայրերի, պորֆիրային գահավեժ և բոլորովին մերկ բլուրների պայծառ գույները, գլխավորապես կարմիր և ծիրանագույն, մեծ և չընդհատվող պատանման դեյկերը, որոշակի բաժանվող շերտերը, որոնք երբ մոտավորապես վերտիկալ էին, կազմում էին կենտրոնական գեղատեսիլ և վայրենի կատարները, իսկ որտեղ թեքությունը նվազում էր, կազմում էին շղթայի եզերքների զանգվածային մեծ լեռները, և վերջապես գեղեցիկ և պայծառ գույնով երկրաբանական մաշվածքների ողորկ կոնաձև կույտերը, որոնք բարձր անկյունով տարածվում էին լեռների փեշերից վեր՝ մինչև ավելի քան 2000 ոտնաչափ։

Հաճախ ևս նկատում էի և՛ Հրո Երկրում, և՛ այստեղ՝ Անդերում, որ այնտեղ, որտեղ ապառը տարվա մեծ մասը ձյունով էր ծածկված լինում, արտասովոր ձևով փշրվում վերածվում էր փոքր և անկյունավոր բեկորների։ Նույն փաստը Սկորսբին[169] նկատել է Շպիցբերգենում։ Դժվարանում եմ այս դեպքին մի բացատրություն տալ, որովհետև լեռան այն մասը, որը պաշտպանված է ձյան ծածկոցով, պետք է որ ավելի քիչ ենթակա լինի ջերմաստիճանի կրկնվող և մեծ փոփոխություններին, քան որևէ այլ մաս։ Երբեմն ես այն կարծիքին եմ եղել, որ հողը և մակերեսին գտնվող քարերի բեկորներն ավելի քիչ են տեղափոխվում դանդաղ ներծծվող ձյան ջրից,[170] քան անձրևից, ուստի և ձյան տակի պինդ ապառի ավելի արագ քայքայման երևույթն ինձ խաբուսիկ էր թվում։ Որոնք էլ որ լինեն այդ պատճառները, Կորդիլյերների փշրվող ժայռերի քանակությունը շատ մեծ է։ Երբեմն գարնան այս մնացորդներից մեծ զանգվածներ ցած են սահում լեռներից և ծածկում հովիտներում կուտակված ձյան կույտերը բնական սառցատներ կազմելով։ Ջրով անցանք սրանցից մեկի վրայով, որի բարձրությունը հավերժական ձյան սահմանից շատ ցածր էր։

Ուշ երեկոյան հասանք ավազանման մի տարօրինակ հարթավայր, որը կոչվում է Վալե դել Իեսո։ Նա հանդիսանում էր մի փոքր և չորացած արոտատեղ, և մեր առաջ՝ շրջապատի ժայռոտ անապատներում, բացվում էր խոշոր եղջերավոր կենդանիների նախրի մի զվարթ տեսարան։ Այս հովիտը Իեսո է անվանվում, իմ կարծիքով, առնվազն երկու հազար ոտնաչափ հաստության սպիտակ և որոշ մասերում բոլորովին մաքուր գիպսի մի մեծ շերտի պատճառով։ Մենք գիշերեցինք մի խումբ մարդկանց հետ, որոնք զբաղվում էին ջորիներն այս նյութով բարձելով, որը գործածվում է գինու արդյունաբերության մեջ։ Առավոտյան (21-ին) Ճանապարհ ընկանք շատ վաղ և շարունակեցինք հետևել գետի ընթացքին, որը շատ էր փոքրացել, մինչև հասանք ստորոտն այն լեռնաշարքի, որը ջրերը բաժանում է երկու իրար հակառակ ուղղությունների — մի մասը դեպի Խաղաղ օվկիանոս, մյուսն՝ Ատլանտյան։ Ճանապարհը, որ մինչ այդ լավ էր, շնորհիվ անընդհատ, բայց չափազանց աստիճանաբար բարձրացման, փոխվեց մի զառիվայր զիգզագ կածանի՝ մինչև մեծ լեռնաշղթան, որը Չիլիի և Մենդոսայի ռեսպուբլիկաները բաժանում է իրարից։

Այստեղ ես տալու եմ Կորդիլյերները կազմող մի քանի զուգահեռ շղթաների երկրաբանության խիստ համառոտ ուրվագիծը։ Այս լեռնաշղթաներից երկուսը մյուսներից զգալի չափով բարձր են։ Դրանցից մեկը, Չիլիի կողմինը, կոչվում է Պեյկենեսի լեռնաշարք, և այնտեղ, որտեղից անցնում է ճանապարհը, ունի 13210 ոտնաչափ բարձրություն. իսկ մյուսը՝ Պորտիլյոյի լեռնաշարքը, Մենդոսայի կողմում՝ 14305 ոտնաչափ բարձրություն։ Պեյկենեսի լեռնաշարքի և նրա արևմտյան կողմում գտնվող մի քանի մեծ շղթաների ստորին շերտերը կազմված են մի քանի հազար ոտնաչափ հաստության պորֆիրների վիթխարի կույտերից, որոնք հոսել են որպես ստորջրյա լավաներ, որտեղ մեջընդժեջ դրված են նույն ապառների անկյունավոր և կլոր բեկորները, որոնք դուրս են նետված ստորջրյա խառնարաններից։ Այս հերթափոխվող զանգվածները կենտրոնական մասերում ծածկված են մեծ հաստության հասնող կարմիր ավազաքարով, կոնգլեմերատով և կրա-կավային թերթաքարերի շերտով, որոնց հետ զուգընթաց և որոնց մեջ ներթափանցած՝ գտնվում են նաև գիպսի վիթխարի շերտեր։ Այս վերին շերտերում կան բավական քանակությամբ խեցիներ և պատկանում են Եվրոպայի մոտավորապես ստորին կավճային շրջանին։ Շատ հին պատմություն է, բայց ոչ նվազ զարմանալի, երբ մեկը լսում է այնպիսի խեցիների մասին, որոնք մի ժամանակ սողացել են ծովի հատակին և այժմ գտնվում են ծովի մակարդակից մոտ 14000 ոտնաչափ բարձրության վրա։ Շերտախմբերի այս մեծ կիտվածքի ստորին շերտերը ենթարկվել են դիսլոկացիայի, թրծվել, բյուրեղացել և գրեթե խառնվել են իրար մի յուրահատուկ սպիտակ նատրո-գրանիտային ապառի լեռնային զանգվածների միջոցով։

Մյուս գլխավոր շղթան — Պորտիլյոյի լեռնաշարքը — բոլորովին այլ կազմություն ունի. նա կազմված է գլխավորապես կարմիր կալիումային գրանիտի մեծ, լերկ սրակատարներից, որոնք ներքևում արևմտյան կողերին ծածկված են ավազաքարով, որը նախնական ջերմությունից փոխարկվել է կվարցային ապառի։ Կվարցի վրա նստած են մի քանի հազար ոտնաչափ հաստություն ունեցող կոնգլոմերատի շերտեր, որոնք վեր են բարձրացվել, կարմիր գրանիտի միջոցով և 45° անկյունով ընկնում են դեպի Պեյկենեսի լեռնաշղթան։ Ես զարմացա, երբ պարզվեց, որ այս կոնգլոմերատը մասամբ կազմված էր խճերից, որոնք բրածո խեցիների հետ միասին ծագում էին Պեյկենեսի լեռնաշղթայից, և մասամբ էլ կարմիր կալիումային գրանիտից, ինչպես Պորտիլյոյինն է։ Այստեղից էլ պետք է եզրակացնենք, որ և՛ Պերկենես, և՛ Պորտիլյո լեռնաշղթաները մասամբ վեր են բարձրացվել և ենթարկվել մաշման և քայքայման, երբ կազմվելիս է եղել կոնգլոմերատը. բայց քանի որ կոնգլոմերատի շերտերը տեղաշարժվել են 45°-ով Պորտիլյոյի կարմիր գրանիտի միջոցով (նրա շնորհիվ թրծված ներքնադիր ավազաքարի հետ միասին), ուստի կարող ենք վստահ ասել, որ արդեն որոշ չափով կազմված Պորտիլյո լեռնաշղթայի ներարկման և վեր բարձրացման մեծ մասը տեղի է ունեցել կոնգլոմերատի բարձրացումից հետո և Պեյկենեսի լեռնաշարքի բարձրացումից շատ ավելի ուշ։ Այնպես որ Պորտիլյոն՝ Կորդիլյերների այս մասի ամենաբարձր լեռնաշարքն այնքան հին չէ, որքան ավելի քիչ բարձրություն ունեցող Պեյկենեսի շղթան, Պորտիլյոյի արևելյան ստորոտին գտնվող լավայի մի թեք հոսանքից ստացված ապացույցների վրա հիմնվելով կարելի էր ցույց տալ, որ նրա մեծ բարձրության մի մասն արդյունք է դեռ ավելի ուշ ժամանակների բարձրացումների։ Ինչ վերաբերում է նրա սկզբնավորմանը, թվում է թե կարմիր գրանիտը ներարկված պետք է լինի նախապես գոյություն ունեցող սպիտակ գրանիտի և փայլարային թերթաքարի հին շղթայի ուղղությամբ։ Պետք է եզրակացնել, որ Կորդիլյերների շատ տեղերում, գուցե և բոլոր մասերում յուրաքանչյուր շղթա կազմվել է կրկնվող վերամբարձումների և ներարկումների շնորհիվ, և որ տարբեր զուգահեռ գծերը պատկանում են տարբեր ժամանակների։ Միայն այսպիսով մենք կարող ենք ունենալ ժամանակի այնքան տևողություն, որը կարողանա բացատրել մաշման և մերկացման այն ապշեցուցիչ չափը, որին ենթարկվել են այս մեծ, թեև այլ բազմաթիվ լեռնաշղթաների հետ համեմատած նոր լեռները։

Վերջապես, Պեյկենեսի կամ ամենահին լեռնաշարքի խեցիները ցույց են տալիս, ինչպես ասված է վերևում, որ նա բարձրացել է 14000 ոտնաչափ սկսած երկրորդական պերիոդից, որը Եվրոպայում մենք սովոր ենք համարել ոչ հին. բայց քանի որ այս խեցիներն ապրել են բավականին խորը ծովում, ուստի կարելի է ցույց տալ, որ Կորդիլյերների բռնած այժմյան տարածությունը պետք է իջած լիներ մի քանի հազար ոտնաչափ (հյուսիսային Չիլիում մինչև 6000 ոտնաչափ) որպեսզի հնարավոր լիներ ընդծովյա այդ շերտերի զանգվածի կուտակումն այն շերտի վրա, որտեղ ապրել են այդ խեցիները։ Այդ հաստատվում է այն նույն ապացույցներով, որոնք վկայում են, որ Պատագոնիայի երրորդային խեցիների գոյությունից հետո Պատագոնիայում պետք է որ տեղի ունեցած լիներ մի քանի հարյուր ոտնաչափի իջեցում, ինչպես և հետագա բարձրացում։ Օր-ավուր երկրաբաններն ստիպված են այն համոզմանը գալու, որ ո՛չ մի բան, մինչև անգամ փչող քամին այնպես անկայուն չէ, որքան. երկրի կեղևի մակարդակը։

Ես կատարելու եմ ևս մի այլ երկրաբանական դիտողություն. թեև Պորտիլյոյի շղթան այստեղ Պեյկենեսից բարձր է, այնուամենայնիվ միջանկյալ հովիտները ոռոգող ջրերը բխում են նրանից։ Միևնույն փաստն ավելի մեծ մասշտաբով նկատվել է Բոլիվիական Կորդիլյերների արևելյան և ամենաբարձր լեռնաշղթայում, որի միջից գետեր են անցնում. նման փաստեր նկատվել են և աշխարհի այլ մասերում։ Այս հասկանալի կդառնա, եթե ենթադրենք, որ Պորտիյյոյի լեռնաշղթան բարձրացել է հաջորդաբար և աստիճանաբար. սկզբում պետք է երևան եկած լինի կղզյակների մի շղթա, և մինչդեռ սրանք սկսել են վեր բարձրանալ՝ մակընթացությունը և տեղատվությունը նրանց միջև անընդհատ կտրատել են ավելի խորը և ավելի լայն կանալներ։ Ներկայումս Հրո Երկրի ափերի մինչև անգամ ամենամեկուսի նեղուցներում, երկայնակի կանալներն իրար միացնող լայնակի վտակներում հոսանքները շատ ուժեղ են, այնպես որ մի լայնակի կանալում մի փոքրիկ նավ նավարկելիս խորտակվել է մի քանի անգամ պտույտներ տալով։

Կեսօրվա մոտ սկսեցինք Պեյկենեսի լեռնաշարքի տաղտկալի վերելքը և ապա աոաջին անգամ զգացինք շնչառության որոշ դժվարություններ։

Ջորիները յուրաքանչյուր հիսուն յարդի վրա կանգ էին առնում և մի քանի վայրկյան հանգստանալուց հետո խեղճ, հնազանդ կենդանիները նորից շարունակում էին ճանապարհը։ Նոսրացած մթնոլորտի հետևանքով շունչը կտրվելը չիլիեցիներն անվանում են «պունա», և նրանք վերին աստիճանի ծիծաղելի գաղափար ունեն նրա ծագման մասին։ Մի քանիսն ասում են՝ «այստեղ բոլոր ջրերը պունա ունեն», մյուսները թե՝ «որտեղ ձյուն կա, այնտեղ պունա կա»,— և այս անկասկած ճիշտ է։ Միակ զգացողությունը, որ ես ունեցա, մի թույլ ծանրություն էր գլխիս և կրծքիս վրա, ինչպես մարդ զգում է, երբ տաք սենյակից դուրս գալով արագ վազում է սառնամանիքի մեջ։ Այստեղ մինչև անգամ կար որոշ երևակայություն, որովհետև գտնելով բրածո խեցիներ ամենաբարձր լեռնաշարքի վրա՝ ես բերկրանքից ամբողջովին մոռացել էի պունան։ Պետք է ասել, որ իսկապես քայլելու համար գործադրած ջանքը վերին աստիճանի մեծ էր, իսկ շնչառությունը դարձավ խորը և դժվար։ Ինձ ասել են, որ Պոտոսիում (ծովից մոտ 13000 ոտնաչափ բարձր) օտարականները մինչև անգամ մի տարում դժվարանում են ընտելանալ մթնոլորտին։ Տեղացիները բոլորը հանձնարարում են պումայի դեմ սոխ գործածել, քանի որ այս բուսեղենը Եվրոպայում երբեմն տրվում է թոքային գանգատների կամ ցավերի դեմ, ուստի հավանական է, որ նա ռեալ արժեք ունի, իսկ ինչ վերաբերում է ինձ, ես չգտա մի ավելի լավ օգնող բան, քան բրածո խեցիները։

Երբ անցել էինք ճանապարհի մոտավորապես կեսը, մեզ հանդիպեց մի մեծ խումբ՝ յոթանասուն բեռնավորված ջորիներով։ Հետաքրքրական էր լսել ջnրեպանների վայրի աղաղակները և տեսնել կենդանիների ներքև իջնող երկար շարանը. նրանք չափազանց փոքր էին երևում, որովհետև այնտեղ, բացի լերկ լեռներից, ուրիշ ոչինչ չկար, որի հետ համեմատվեին։ Գագաթի մոտ քամին, ինչպես առհասարակ, շատ ուժեղ էր և վերին աստիճանի սառը։ Լեռնաշարքի յուրաքանչյուր կողմում մենք ստիպված էինք անցնել հավերժական ձյան լայն շերտի վրայով, որը շուտով ծածկվելու էր ձյան թարմ շերտով։ Երբ հասանք կատարին և ետ նայեցինք, մեր առջև բացվեց մի հոյակապ տեսարան։ Պարզ և շողշողուն մթնոլորտը, մուգ-կապույտ երկինքը, խորը հովիտները, խորտուբորտ վայրի ձևերը, բեկորների կույտերը՝ կուտակված անհաշիվ դարերի ընթացքում, պայծառ գույնի ապառները ձյան խաղաղ լեռների հետ հակապատկեր կազմող,— այս բոլորը միասին այնպիսի մի տեսարան էր կազմել, որ ոչ ոք չէր կարող երևակայել։ Ոչ բույսերը և ոչ էլ թռչունները, բացառությամբ մի քանի կոնդորների, որոնք պտույտներ էին կատարում բարձր, սրածայր գագաթների շուրջը, չէին կարող հեռացնել իմ ուշադրությունն անկենդան զանգվածից։ Ուրախ էի, որ ես մենակ էի. այդ նման էր որոտալի մրրիկը դիտելուն կամ լրիվ օրկեստրով Մեսիայի երգը լսելուն։

Ձյան վրա, որոշ մասերում, ես գտա Protococcus nivalis կամ կարմիր ձյուն, որը շատերին է հայտնի, եթե կարդացել են բևեռային շրջանի ծովագնացների զեկուցագրերը։

Այդ գրավեց իմ ուշադրությունը՝ ջորիների ոտատեղերը տեսնելիս, որոնք ներկված էին բաց-կարմիր գույնով, կարծեք թե նրանց սմբակը թեթև արյունոտվել էր։ Սկզբում կարծում էի, որ այդ արդյունք է շրջակա լեռներից փչած կարմիր պորֆիրի փոշու, որովհետև ձյան բյուրեղների խոշորացնող հատկության շնորհիվ այս միկրոսկոպիկական բույսերի խմբերը նմանվում էին կոշտ մասնիկների։ Ձյունը գունավորված էր միայն այն մասերում, որտեղ նա արագ հալվել փափկացել էր կամ պատահականորեն ճզմվել։ Թղթի վրա մի փոքր շփելիս առաջանում էր թույլ վարդագույն երանգ, որի հետ խառը կար և մի փոքր աղյուսա-կարմիր գույն։ Հետագայում թղթի վրայից քիչ քերելով գտա, որ սրանք կազմված են փոքր գնդաձև խմբերից, որոնք գտնվում են անգույն թաղանթի մեջ, և յուրաքանչյուրն ունի մեկ հազարերորդ մատնաչափ տրամագիծ։

Պեյկենեսի կատարին քամին, ինչպես վերը նշեցինք, ընդհանրապես ուժեղ է փչում և շատ սառն է։ Ասում են[171], որ նա փչում է անընդհատ արևմտյան կողմից կամ Խաղաղ օվկիանոսից։ Որովհետև դիտողությունները գլխավորապես ամառն են կատարվել, ուստի այս քամին պետք է որ վերին և հակադարձ հոսանք լինի։ Տեներիֆի կատարը, որն ավելի ցածր է և գտնվում է 28° լայնության տակ, միևնույն ձևով ընկնում է վերին հակադարձ հոսանքի տակ։ Սկզբում զարմանալի է թվում, որ պասատը Չիլիի հյուսիսային մասում և Պերուի ափերին փչի անմիջականորեն դեպի հարավ, ինչպես այդ տեսնում ենք, բայց երբ մի րոպե մտածում ենք, որ Կորդիլյերների շղթան, որը ձգվում է հյուսիս-հարավ ուղղությամբ, մեծ պատի նման միջհատում է ներքին մթնոլորտային հոսանքի ամբողջ խորությունը, կարող ենք հեշտությամբ նկատել, որ պասատը, հետևելով լեռների շարքին, պետք է ձգվի դեպի հյուսիս, դեպի հասարակածային գոտիները, և այսպիսով կորցնի արևելյան շարժման մի մասը, որն այլ կերպ ձեռք կբերեր երկրի պտտման շնորհիվ։ Մենդոսայում, Անդերի արևելյան ստորոտին, ասում են, որ կլիման ենթակա է երկար հանդարտումների և հաճախակի կրկնվող, թեև կեղծ, կուտակվող ամպրոպների. մենք պետք է ընդունենք, որ քամին, որը գալիս է արևելյան կողմից, լեռնաշղթաների երկայնությամբ թումբ է կազմում, լճանում է, և շարժումներն անկանոն են դառնում։

Անցնելով Պեյկենեսը՝ իջանք մի լեռնային երկիր, որը գտնվում է երկու գլխավոր շղթաների մեջտեղը, և ապա իջանք այնտեղ գիշերելու։ Այժմ մենք գտնվում էինք Մենդոսայի ռեսպուբլիկայի սահմաններում։ Բարձրությունն այստեղ հավանորեն 11000 ոտնաչափից պակաս չէր լինի, հետևաբար և բուսականությունը ծայր աստիճան աղքատ էր։ Որպես վառելիք գործածում էինք մի փոքր թփի արմատները, բայց նրա կրակը շատ թույլ էր, իսկ սառը քամին կտրում էր։ Ամբողջ օրվա աշխատանքից կատարյալ հոգնած՝ ես անմիջապես պատրաստեցի անկողինս և քնեցի։ Մnտավորապես կես գիշերին նկատեցի, որ երկինքը հանկարծակի ամպեց. արթնացրի արիերոյին (ջորեպանների պետ)՝ իմանալու համար, թե արդյոք սպասվում է վատ եղանակ. բայց նա ասաց, որ այստեղ առանց որոտի ու կայծակի՝ ձյունաբուք երբեք չի լինում։ Ով այս երկու շղթաների միջև վատ եղանակի է բռնվում, վտանգը մեծ է, իսկ փախչելու, դժվարությունները՝ շատ։ Միակ ապաստանները հատ ու կենտ քարանձավներն են. Մր. Կալդկլյուն, որը տարվա այս նույն ժամանակին անցել է այս լեռնաշղթան, մի քանի օր ձյան ուժեղ տեղումից մնացել է այստեղ։ Այս լեռնանցքում կառուցված չեն casuchas-ներ կամ ապաստարաններ (հանգրվան) ինչպես Ուսպալատայումն է. այդ պատճառով էլ աշնանը Պորտիլյո հաճախողների թիվը սահմանափակ է։ Պետք է ասել, որ գլխավոր Կորդիլյերներում անձրև երբեք չի գալիս, որովհետև ամառը երկինքը երբեք չի ամպամածում, իսկ ձմեռը միայն ձյունաբքեր են լինում։

Այնտեղ, որտեղ մենք քնել էինք, ջուրը մթնոլորտային ճնշման նվազման պատճառով եռում էր ավելի ցածր ջերմաստիճանում, քան նվազ բարձրություն ունեցող մի այլ տեղում, բոլորովին հակառակը Պապինի կաթսայի։ Այս պատճառով էլ կարտոֆիլը մի քանի ժամ եռացող ջրի մեջ մնալուց հետո մնացել էր նույնչափ կարծր, որչափ առաջ։ Ամբողջ գիշեր ամանը մնաց կրակի վրա. հաջորդ առավոտը նորից շարունակեցինք խաշելու աշխատանքը, բայց դարձյալ իզուր, կարտոֆիլ չեփվեց։ Ես այս բանն իմացա երկու ընկերների խոսակցությունն ունկնդրելիս. նրանք եկել էին այն պարզ եզրակացության, «որ այդ անիծված ամանը (որը բոլորովին նոր էր) կարտոֆիլ խաշելու համար չի շինված»։

Մարտի 22.— Առանց կարտոֆիլի մեր նախաճաշն ուտելուց հետո ճանապարհ ընկանք այդ միջանկյալ տարածությունից դեպի Պորտիլյոյի լեռնաշղթայի ստորոտը։ Ամառվա կեսին անասունները բերում են այստեղ արածացնելու. բայց այժմ նրանք բոլորն էլ նորից ետ էին տարվել, մինչև, անգամ գուանակոների մեծ մասը չվել էին. լավ իմանալով, որ եթե այստեղ բռնվեն ձյունաբուքով, թակարդը կընկնեն։ Մեր առջև բացվում էր լեռների մի զանգված, որ կոչվում էր Տուպունգատո՝ ամբողջովին ծածկված միապաղաղ ձյունով, որի մեջտեղը երևում էր մի կապույտ պիսակ, անկասկած սառցադաշտ — մի հանգամանք, ոտը հազվադեպ է այս լեռներում։ Այժմ սկսվեց մի ծանր և երկար մագլցում, Պեյկենեսի վերելքի նման։ Յուրաքանչյուր կողմից բարձրանում էին դուրս ցցված կարմիր գրանիտի կռնաձև բլուրներ. հովիտներում փռվել էին հավերժական ձյան մի քանի լայն դաշտեր։ Այս սառած զանգվածները հալման ընթացքում մի քանի մասերում փոխվել էին սրածայր աշտարակների կամ սյուների[172] որոնք լինելով բարձր և իրար խիստ մոտիկ՝ դժվարացնում էին բեռնավորված ջորիների անցնելը։ Սառցի այս սյուներից մեկի վրա տնկված էր մի սառած ձի, կարծեք թե պատվանդանի վրա էր ամրացված, միայն թե հետևի ոտներն ուղղված էին վեր՝ օդի մեջ։ Ենթադրում եմ, որ կենդանին պետք է գլխիվայր ընկած լինի մի անցքի մեջ, երբ ձյունն անընդհատ տեղացել է, և ապա շրջապատի ձյունը պետք է հեռացված լինի հալչելուց։

Երբ գտնվում էինք մոտավորապես Պորտիլյոյի կատարին, մենք շրջապատվեցինք սառած մանր հատիկների մի ամպով։ Այս մեծ դժբախտություն էր մեզ համար, որովհետև այդ տևեց ամբողջ օրը և կատարելապես խափանում էր մեր տեսողությունը։ Լեռնանցքն իր Պորտիլյո անունն ստացել է շնորհիվ մի նեղ ճեղքվածքի կամ դռնանցքի, որը գտնվում է ամենաբարձր լեռնաշարքի վրա, և որի միջով անցնում է ճանապարհը։ Այս կետից մի պարզ օր կարելի է տեսնել այն ընդարձակ հարթավայրերը, որոնք առանց ընդհատվելու տարածվում են մինչև Ատլանտյան օվկիանոսը։ Մենք իջանք մինչև բուսականության վերին սահմանը և ապառաժի մեծ բեկորների տակ հարմար տեղեր գտանք գիշերելու համար։ Այս տեղ մենք հանդիպեցինք մի քանի ճանապարհորդների, որոնք մտահոգ հարցումներ էին անում ճանապարհի վիճակի մասին։ Մթնելուց քիչ հետո ամպերը հանկարծակի ցրվեցին, և մեր առջև բացվեց մի կախարդական պատկեր։ Մեծ լեռները, լուսավորված լրիվ լուսնի լուսով, կարծեք թե ամեն կողմից կախվել էին մեր վրա, ինչպես մի անդունդի վրա։ Մի առավոտ շատ կանուխ ես ականատես եղա միևնույն ազդեցիկ երևույթին։ Հենց որ ամպերը ցրվեցին, ամեն կողմ սկսեց ուժեղ սառչել, բայց որովհետև քամի չկար, մենք շատ հանգիստ քնեցինք։

Չափազանց հետաքրքրական էր այս բարձրության վրա լուսնի և աստղերի աճող պայծառությունը, որն արդյունք էր մթնոլորտի կատարյալ թափանցկության։ Ճանապարհորդները նկատելով բարձր սարերում բարձրությունների և հեռավորությունների մասին դատելու դժվարությունը, ընդհանրապես այդ վերագրել են այն բանին, որ բաղդատության համար առարկաներ չեն եղել։ Ինձ թվում է, թե այդ նույնչափ արդյունք է նաև օդի թափանցկության, որն առարկաների նկատմամբ շփոթություն է առաջացնում տարբեր հեռավորությունների վրա, ինչպես և մասամբ հետևանք է անսովոր և նորօրինակ հոգնածության, որն առաջանում է ամենափոքր լարվածությունից. այսպիսով սովորությունը հակադրվում է զգայարանների վկայություններին։ Ես համոզված եմ, որ օդի այս աստիճան մաքուր լինելը տեսարանին տալիս է յուրահատուկ բնույթ. բոլոր առարկաներն այնպես են երևում, կարծեք թե բերվել են գրեթե միևնույն հարթության վրա, ինչպես այդ տեսնում ենք գծագրի կամ պանորամայի վրա։ Ես կարծում եմ, որ օդի թափանցկությունն արդյունք է մթնոլորտի միահավասար և բարձր աստիճանի չորության։ Այս չորությունը երևում էր գործիքների փայտամասերի կուչ գալու եղանակից (ինչպես այդ շուտով պարզվեց իմ երկրաբանական մուրճի ինձ պատճառած նեղությունից), սննդանյութերի, ինչպես հացն ու շաքարն են, ծայր աստիճան ամրանալուց, և ճանապարհի վրա ոչնչացած կենդանիների մորթու և մարմնի որոշ մասերի պահպանումից։ Միևնույն պատճառին պետք է վերագրենք և էլեկտրականություն առաջացնելու եզակի հեշտությունը։ Իմ ասվե բաճկոնը մթնում շփելիս այնպես էր երևում, կարծեք թե ֆոսֆորով լվացված լիներ, շան կռնակի յուրաքանչյուր մազը ճարճատում էր. մինչև անգամ կտավե սավանները և թամբի կաշվե փոկերը ձեռք տալիս կայծեր էին արձակում։

Մարտի 23.— Կորդիլյերների վայրէջքն արևելյան կողմից շատ ավելի կարճ և զառիվայր է, քան Խաղաղ օվկիանոսի կողմից, այլ կերպ ասած՝ լեռները հարթավայրերից բարձրանում են ավելի դիք, քան Չիլիի ալպյան վայրերից։ Մեր ոտքերի տակ փռվել էր հարթ և շողշողուն սպիտակ ամպերի մի ծով, որը մեր աչքերից ծածկում էր պամպասների հարթավայրը։ Շուտով մտանք ամպերի շերտի մեջ և այդ օրն այլևս դուրս չեկանք նրա միջից։ Կեսօրվա մոտ Լոս Արենալեսում կենդանիների համար արոտատեղ գտնելով և վառելու համար՝ թփուտներ, կանգ առանք գիշերելու։ Թփուտների ամենավերջին սահմանն էր այս, և բարձրությունը, կարծում եմ, յոթից ութ հազար ոտնաչափ կլիներ։

Ինձ շատ զարմացնում էր այս արևելյան կողմի և Չիլիի կողքի հովիտների բուսականության մեջ գոյություն ունեցող նշանակալի տարբերությունը, չնայած որ կլիման, ինչպես և հողի տեսակը գրեթե միևնույնն են, իսկ աշխարհագրական լայնության տարբերությունը՝ շատ չնչին։ Նույն տարբերությունը գոյություն ունի նաև չորքոտանիների և քիչ պակաս չափով՝ թռչունների ու միջատների համար։ Որպես օրինակ ես կարող եմ բերել մկներին, որոնցից տասներեք տեսակ ձեռք էի բերել Ատլանտյան օվկիանոսի և հինգ՝ Խաղաղ օվկիանոսի ափերից՝ և նրանցից ոչ մեկը մյուսի հետ նույնատիպ չէ։ Բացառություն են կազմում բոլոր այն տեսակները, որոնք ըստ սովորության ապրում են բարձր լեռներում կամ պատահականորեն են հաճախում այդ լեռները, ինչպես և այն մի քանի թռչունները, որոնք տարածվում են հարավ՝ մինչև Մագելլանի նեղուցը։ Այս փաստը կատարելապես համապատասխանում է Անդերի երկրաբանական պատմությանը, որովհետև այս լեռները որպես մեծ պատվար գոյություն են ունեցել նախքան արդի կենդանական ցեղերի առաջացումը, ուստի և մեզ մնում է միայն ենթադրել, ոք միևնույն տեսակներն ստեղծվել են երկու տարբեր տեղերում, որովհետև մենք նույնքան իրավունք չունենք Անդերի հակառակ կողմերի վրա գտնվող կենդանիների մեջ մոտիկ նմանություն փնտրելու, որքան օվկիանոսի հակառակ ափերին։ Երկու դեպքումն էլ մենք պետք է բացառենք այն տեսակների հարցը, որոնք կարողացել են անցնել պատվարը,— պինդ ապառ լինի այդ, թե աղի ջուր։[173] Բազմաթիվ բույսեր և կենդանիներ կամ բացարձակապես նույնն էին կամ խիստ նման էին Պատագոնիայի կենդանիներին և բույսերին։ Այստեղ մենք ունենք ագուտի, վիսկաշա, երեք տեսակ զրահակիր, ջայլամ, մի քանի տեսակ կաքավ և այլ թռչուններ, որոնցից ոչ մեկը երբեք չի երևացել Չիլիում, բայց որոնք ներկայացնում են Պատագոնիայի անապատային հարթավայրերի բնորոշ կենդանիները։ Նմանապես մենք ունենք բազմաթիվ միևնույն (այնպեսի անհատի աչքում, որը բուսաբան չէ) փշոտ թերաճած մացառներ, խորշոմած խոտեր և գաճաճ բույսեր։ Մինչև անգամ հանդիպում էին խիստ նման սև՝ դանդաղ սողացող բզեզներ և մի քանիսն էլ խիստ քննելուց հետո, հավատացած եմ, որ բացարձակապես նույնանման են։ Ինձ համար միշտ մեծ ափսոսանքի առարկա է եղել այն, որ մենք անխուսափելիորեն ստիպված եղանք նախքան սարերը հասնելը Սանտա Կրուս գետի ընթացքն ի վեր բարձրանալուց տեղի տալ։ Ես միշտ հույս ունեին որ կհանդիպեմ երկրի ընդհանուր տեսքի մի մեծ փոփոխության, բայց այժմ վստահ եմ, որ մենք դեպի այդ լեռնոտ բարձունքները բարձրացած կլինեինք միևնույն պատագոնական հարթություններով, միայն թե քիչ ավելի թեք։

Մարտի 24.— Առավոտյան վաղ ես բարձրացա հովտի մի կողմում գտնվող մի լեռ և վայելեցի պամպասների վրա հեռուները տարածվող մի տեսարան։ Այս մի պատկեր էր, որ ես միշտ դիտում էի հետաքրքրությամբ, բայց ես հուսախաբված էի. առաջին ակնարկից նա շատ նման էր օվկիանոսի հեռավոր տեսարանի, բայց հյուսիսային մասերում շուտով նկատվեցին բազմազանություններ։ Ամենատպավորիչ պատկերը ներկայացնում էին երկու գետեր, որոնք առավոտյան բարձրացող արևի տակ շողշողում էին ինչպես արծաթի թելեր, մինչև կորչում էին անհուն հեռավորության մեջ։ Կեսօրին իջանք հովիտը և հասանք մի խրճիթ, որտեղ, որպես պահապաններ, գտնվում էին մի սպա և երեք զինվոր. սրանք ստուգում էին անցագրերը։ Այս մարդկանցից մեկը զտարյուն պամպասյան հնդիկ էր։ Նրան պահում էին գլխավորապես այն նպատակ, ինչ նպատակով որ պահում են հետախույզ շներին, այն է՝ նա հայտնաբերելու էր գաղտնի անցորդներին,— լինի այդ ոտով, թե ձիով։ Մի քանի տարի առաջ մի ճանապարհորդ փորձում է անցնել առանց սրանց հանդիպելու և հայտնաբերվելուց խույս տալու համար մի երկար պտույտ է անում մոտակա մի լեռան շուրջը, բայց այս հնդիկը պատահականորեն նկատելով նրա հետքը գետնին՝ հետևում է նրան ամբողջ օրը չոր և խիստ քարոտ մի բլրի վրա, մինչև վերջիվերջո գալիս կանգնում է իր որսի գլխին, որը թաքնված է լինում մի հեղեղատի փոսում։ Այստեղ իմացանք, որ արծաթյա ամպերը, որոնցով մենք սքանչանում էինք վերևի պայծառ գոտուց դիտելիս, անձրևի հեղեղներ էին թափել։ Այս կետից սկսած հովիտը հետզհետե բացվում էր, և բլուրները դառնում էին ջրից մաշված բլրակներ՝ հետևի հսկաների հետ համեմատած։ Այնուհետև հովիտը տարածվելով վերածվեց շատ փոքր թեքություն ունեցող մանր խճերի մի հարթավայրի՝ ցածր ծառերով և մացառներով ծածկված։ Այս զառիվայրը, որը թեև նեղ է թվում, պետք է որ, նախքան կատարելապես հարթ երևացող պամպասների հետ միանալը, տասը մղոն լայնություն ունենա։ Անցանք այս շրջանի միակ տունը — Չակայո ֆերման — և արևը մայր մտնելիս մտանք առաջին տաք և խաղաղ անկյունը գիշերելու համար։

Մարտի 25.— Ես հիշում էի Բուենոս Այրեսի պամպասները՝ տեսնելով բարձրացող արևի սկավառակը, որը հատվում էր օվկիանոսի մակարդակի նման մի հորիզոնով։ Գիշերը բավականին թանձր ցող իջավ մեզ վրա,— մի դեպք, որ մեզ չպատահեց Կորդիլյերների վրա։ Որոշ տարածությամբ ճանապարհն ընթանում էր դեպի արևելք՝ մի ցածր ճահճի միջով, ապա հանդիպելով չոր հարթավայրին՝ դարձավ դեպի հյուսիս, դեպի Մենդոսա։ Այս հեռավորությունը երկու երկար օրվա ճանապարհ է։ Առաջին օրը ճանապարհորդեցինք տասնչորս փարսախ դեպի Էստակադո, իսկ երկրորդ օրը տասնյոթ փարսախ դեպի Լուքսան, որը գտնվում է Մենդոսայի մոտ։ Ամբողջ տարածությունը ներկայացնում է մի կատարյալ անապատային հարթավայր, որտեղ մենք հանդիպեցինք ոչ ավելի քան երկու կամ երեք տան։ Արևը չափազանց ուժեղ էր, իսկ ճանապարհը՝ զուրկ որևէ հետաքրքրությունից։ Այս „traversia”-յում (ճանապարհ) շատ քիչ ջուր է պատահում, և մեր երկրորդ օրվա ճանապարհորդության ընթացքում միայն մի փոքրիկ լճակ գտանք։ Փոքրիկ առվակը հոսում է լեռներից և շուտով կլանվում է չոր և ծակոտկեն հողի կողմից, այնպես որ թեև մենք ճանապարհորդել էինք Կորդիլյերների արտաքին շղթայից միայն տասը կամ տասնհինգ մղոն, այնուամենայնիվ ոչ մի գետակ չանցանք։ Շատ տեղերում գետինը ծածկված էր աղային բյուրեղներով, այս պատճառով էլ մենք տեսնում էինք միևնույն աղ սիրող բույսերը, որոնք շատ տարածված են Բահիա Բլանկայի մոտերքը։ Մագելլանի նեղուցից սկսած՝ Պատագոնիայի ամբողջ արևելյան ափի երկայնքով մինչև Ռիո Կոլորադո տեսարանը միօրինակ բնույթ ունի և ըստ երևույթին երկրի նույնօրինակությունը տարածվում է այս գետից ներս՝ մինչև. Սան Լուիզ, գուցէ և ավելի հյուսիս։ Այս կոր գծից արևելք ընկնում են Բուենոս Այրեսի համեմատաբար խոնավ և կանաչ հարթավայրերը։ Մենդոսայի և Պատագոնիայի անբերրի հարթավայրերը կազմված են մանք խճերի մի շերտից, ծովի ալիքներից մաշված, հղկված ու կուտակված։ Մինչ պամպասները, ծածկված ուղտափշերով, երեքնուկով և պամպասի խոտով, կազմվել են Պլատայի գետաբերանային տղմից։

Երկու օրվա մեջ ձանձրալի ճանապարհորդությունից հետո կատարյալ թարմացուցիչ էր տեսնել բարտենու և ուռենու շարքերը, որոնք երևում էին հեռվում Լուքսան գետի և գյուղի շրջակայքում։ Այստեղ ժամանելուց քիչ առաջ հարավում նկատեցինք պատառոտած մութ կարմիր-թխագույն ամպ։ Սկզբում մենք կարծեցինք, որ այդ ծուխ էր՝ հարթավայրերում առաջացած մի մեծ հրդեհի, բայց շուտով պարզվեց, որ այդ մորեխներ էին։ Նրանք թռչում էին դեպի հյուսիս և մի թեթև քամու օգնությամբ հասան մեզ՝ ժամում անցնելով տասը կամ տասնհինգ մղոն։ Այս միջատների գլխավոր զանգվածն օդը լցրել էր քսան ոտնաչափ բարձրից սկսած, ինչպես երևում էր, մինչև եբկու-եքեք հազար ոտնաչափ գետնից վերև, «և նրանց թևերի ձայնը նման էր պատերազմի դաշտ վազող բազմաթիվ ձիերի և կառքերի ձայնին» կամ, ավելի ճիշտ, նման էր նավի կաբելների միջով անցնող ուժեղ զեփյուռի առաջացրած ձայնին։ Առաջից անցնող համեմատաբար նոսր խմբերի միջից երկինքը երևում էր ինչպես սև քանդակ, բայց գլխավոր զանգվածը բոլորովին անթափանցելի էր։ Սակայն ամբողջությամբ վերցրած այնքան էլ խիտ չէին, նրանք կարող էին խույս տալ ետ ու առաջ ճոճվող փայտի հարվածից։ Երբ նրանք ցած իջան գետին, ավելի շատ էին, քան դաշտի կանաչը, և մակերեսը կարմրավուն դարձավ՝ կանաչի փոխարեն, մորեխներն իջնելուց հետո յուրաքանչյուրը թռչում էր մի կողմից մյուսը՝ բոլոր ուղղություններով։ Մորեխներն այս երկրում անսովոր փորձանք չեն։ Այս սեզոնին արդեն մի քանի այլ, համեմատաբար փոքր խմբեր եկել էին հարավից։ Այս միջատներն ըստ երևույթին աշխարհի բոլոր այլ մասերում բազմանում են անապատում։ Խեղճ գյուղացիներն իզուր էին փորձում կրակ վառելով, գոռալով կամ ճյուղերով արգելել այգ հարձակումը։ Մորեխների այս տեսակը խիստ նման է, գուցե և նույնատիպ, արևելքի հռչակավոր Gryllus migratorius-ին։

Անցանք Լուքսանը, որն զգալի մեծության մի գետ է, թեև նրա ընթացքը մինչև ծովափ շատ վատ են իմ անում։ Կասկածելի է մինչև անգամ, թե հարթավայրերից անցնելիս արդյոք նա չի՞ գոլորշիանում ու կորչում։ Քնեցինք Լուքսան գյուղում, որը մի փոքր տեղ է՝ շրջապատված այգիներով, և ներկայացնում է ամենահարավային մշակված շրջանը Մենդոսայի գավառում։ Գյուղը գավառի կենտրոնից հինգ փարսախ է հեռու։ Գիշերը ես ենթարկվեցի Benchuca-յի, պամպասների խոշոր և սև փայտոջիլի՝ Reduvitus-ի մի տեսակի հարձակմանը (որովհետև բացի հարձակումից ուրիշ անուն չէ կարելի տալ դրան)։ Մարդ զզվում է, երբ զգում է, որ այդ փափուկ անթև միջատները, մոտ մի մատնաչափ երկարությամբ, սողում են մարմնի վրա ամեն կողմ։ Նախքան ծծելը բոլորովին բարակ, տափակ են, բայց արյունը ծծելուց հետո կլորանում են և խիստ փքվում է այս վիճակում հեշտությամբ են ճզմվում։ Մի հատ բռնեցի Իկիկում (նրանք գտնվում են և՛ Չիլիում, և՛ Պերուում) բոլորովին դատարկ վիճակում։ Երբ դնում էինք սեղանի վրա, թեև շրջապատված մարդկանցով, և երկարացնում էինք մեր մատերը, հանդուգն միջատն անմիջապես դուրս էր հանում իր ծծանը և պատրաստվում էր արյուն ծծելու, եթե այդ թույլ տային իրեն։ Նրա պատճառած վերքից ցավ չէր զգացվում։ Հետաքրքրական է դիտել նրա մարմինը՝ ծծելու ընթացքում. ավելի պակաս քան տաս րոպեում նա, միանգամայն տափակ վիճակից, փոխվում վերածվում էր գնդի։ Այս մի խրախճանքից, որի համար այդ benhuca-ն պարտական էր սպաներից մեկին, նա պահեց իր գերությունը չորս լրիվ ամիս, բայց առաջին երկու շաբաթից հետո նա բոլորովին պատրաստ էր նորից ծծելու։

Մարտի 27.— Շարժվեցինք դեպի Մենդոսա։ Շրջանը շատ գեղեցիկ մշակված էր և նման էր Չիլիին։ Այս շրջանը հռչակավոր է իր պտուղներով. և իսկապես ոչ մի բան ավելի լավ չէր զարգանում, քան խաղողի, թզի, դեղձի և ձիթենու այգիները։ Մենք ձմերուկներ գնեցինք՝ ամեն մեկը մի մարդու գլխից երկու անգամ մեծ, քաղցր, համեղ, սառը, և յուրաքանչյուրին վճարեցինք կես պեննի (երկու կոպեկ), իսկ երեք պենսով գնեցինք կես ձեռնասայլ դեղձ։ Մշակված և փակ մասն այս շրջանում շատ փոքր է. մի քիչ է ավելի այն տարածությունից, որն ընկնում է Լուքսանի և կենտրոնի միջև։ Այստեղ երկիրը, ինչպես Չիլիում, իր բերրիությունն ամբողջովին պարտական է արհեստական ոռոգման, և իրոք շատ զարմանալի է, թե ինչպես պտղաբեր է դառնում այսպիսի մի անբերրի տարածություն։

Հաջորդ օրը մնացինք Մենդոսայում։ Վերջին տարիները շրջանի բարգավաճումն ընկել է։ Բնակիչներն ասում են, որ «լավ տեղ է ապրելու համար, բայց շատ վատ՝ հարստանալու համար»։ Ստորին կարգերի մեջ տիրապետում են պամպասների գաուչոյի ժամավաճառ լինելու, պարապ քարշ գալու և անհոգության սովորությունները, և նրանց հագուստը, հեծելասարքը և կենցաղային սովորությունները գրեթե նույնն են։ Իմ մտքում քաղաքն ուներ լքված և ամայի տեսք։ Ոչ ծառուղիները, որոնցով պարծենում էին, և ոչ էլ ընդհանուր տեսարանը ոչ մի կերպ չի կարելի համեմատել Սանտ Յագոյի հետ, բայց նրանք, որոնք գալով Բուենոս Այրեսից՝ անցել են միօրինակ պամպասները, նրանց համար պարտեզներն ու մրգի այգիներն առանձին բերկրություն են առաջացնում։ Մըր Ֆ. Հեդը խոսելով այստեղի բնակիչների մասին՝ ասում է. «Նրանք ուտում են իրենց ճաշը, և երբ շատ շոգ է, քնում են — իսկ կարո՞ղ էին ավելի լավ բան անել»։ Ես բոլորովին համաձայն եմ սըր Ֆ. Հեդի հետ. մենդոսացու երջանիկ ճակատագիրն ուտել, քնել և պարապ ման գալն է։

Մարտի 29.— Ճանապարհ ընկանք Չիլի վերադառնալու Ուսպալատայի լեռնանցքով, որը գտնվում է Մենդոսայի հյուսիսում։ Մենք պետք է անցնեինք մի վերին աստիճանի չոր տրավերսիա (ճանապարհ), որի երկարությունը տասնհինգ փարսախ էր։ Հողը որոշ մասերում բացարձակապես մերկ էր, որոշ մասերում էլ ծածկված էր անհամար գաճաճ կակտուսներով՝ ահռելի փշերով զինված. տեղացիները սրանց անվանում են «փոքրիկ առյուծներ»։ Կային նաև մի քանի ցածր թփուտներ։ Թեև այդ հարթավայրը ծովի մակերևույթից մոտ երեք հազար ոտնաչափ բարձր է, այնուամենայնիվ արևը շատ ուժեղ էր. և շոգը մի կողմից, անշոշափելի փոշին մյուս կողմից ճանապարհորդությունը դարձնում էին ծայր աստիճան տաղտկալի։ Մեր ճանապարհը ցերեկն անցնում էր մոտավորապես Կորդիլյերներին զուգահեռ և հետզհետե մոտենում էր նրանց։ Արևը մայր մտնելուց առաջ մտանք այն լայն հովիտներից, կամ ավելի շուտ՝ խորշերից մեկը, որոնք բացվում են դաշտի վրա. այս հովիտը նեղանալով՝ շուտով վերածվեց ձորի, որտեղ մի փոքր բարձր գտնվում է Վիսենսիա վիլլան։ Որովհետև ամբողջ օրը ձիերի վրա անցկացրել էինք առանց մի կաթիլ ջրի, և՛ մենք, և՛ ձիերը սոսկալի ծարավել էինք և անձկությամբ փնտրում էինք այն առվակը, սրը հոսում է այս հովտով։ Հետաքրքրական էր նկատել, թե ինչպես հետզհետե երևան էր գալիս այս ջուրը. հարթավայրի վրա նրա ընթացքը բոլորովին չոր էր, աստիճանաբար խոնավացավ, ապա երևացին ջրի փոքրիկ լճակներ. շուտով սրանք միանալով՝ Վիսենսիա վիլլայում արդեն կար գեղեցիկ, փոքր առվակ։

Մարտի 30.— Այս մենավոր խրճիթը, որը կրում է Վիսենսիա վիլլա պատկառելի անունը, հիշատակված է գրեթե ամեն մի ճանապարհորդի կողմից, որն անցել է Անդերը։ Այստեղ և մոտակա մի քանի հանքերում մնացի հաջորդ երկու, օրերը։ Շրջանի երկրաբանությունը շատ հետաքրքրական է։ Ուսպալատայի լեռնաշղթան գլխավոր Կորդիլյերներից բաժանվում է մի նեղ և երկար հարթավայրով կամ ավազանով՝ նման այն հարթավայրերին, որ շատ հաճախ հիշատակել ենք Չիլիի մասին գրելիս. միայն սրանք ավելի բարձր են՝ ծովի մակերևույթից վեց հազար ոտնաչափ բարձրություն ունենալով։ Այս շղթան Կորդիլյերների նկատմամբ գրեթե այնպիսի աշխարհագրական դիրք ունի, ինչպես ունի վիթխարի Պորտիլյո լեռնաշղթան, բայց ծագումը բոլորովին տարբեր է։ Նա կազմված է տարբեր տեսակի ընդծովյա լավայից, փոփոխակիորեն ներկայացնելով հրաբխային ավազաքարեր և այլ նշանավոր սեդիմենտային նստվածքներ. ընդհանուր առմամբ խիստ նման է Խաղաղ օվկիանոսի ափերի երրորդական շերտերից մի քանիսին։ Այս նմանությունից ելնելով՝ ես սպասում էի, թե կգտնեմ սիլիցացած (քարացած) ձառեր, որոնք ընդհանրապես բնորոշ են այս ֆորմացիաների համար։ Իմ սպասելիքներս արտասովոր կերպով արդարացան։ Շղթայի կենտրոնական մասում, մոտ յոթ հազար ոտնաչափ բարձրության վրա, մի լերկ լանջի վրա ես նկատեցի ձյան սպիտակություն ունեցող ցցված սյուներ։ Սրանք քարացած ծառեր էին. տասնևմեկը սիլիկացած էին, իսկ երեսունից ֊քառասունը փոխարկվել էին կոշտ բյուրեղային, սպիտակ կրային շպատի։ Սրանք անկանոն կերպով ջարդվել էին, կանգուն կոճղերը գետնից մի քանի ոտնաչափ դուրս ցցված։ Բներն ունեին երեքից-հինգ ոտնաչափ շրջապատ։ Այս ծառերն իրարից քիչ էին հեռու, բայց բոլորը միասին մի խումբ էին կազմում։ Մր. Ռոբերտ Բրաունը իմ խնդրանքով ուսումնասիրել է այս ծառերը և ասում է, որ նրանք պատկանում են եղևնու ցեղին՝ արաուկարիական ընտանիքի հատկանիշներից մի քանիսն ունենալու պատճառով, բայց որոշ հետաքրքրական կետերով խնամակցություն ունեն կարմրածառի հետ։ հրաբխային ավազաքարը, որի մեջ թաղված էին այս ծառերը և որի ներքևի մասից այս ծառերը պետք է դուրս եկած լինեին, հաջորդական բարակ շերտերով կուտակվել էր նրանց բների շուրջը, և այդ քարը դեռ պահել էր կեղևի դրոշմը։

Երկրաբանական մեծ փորձառություն անհրաժեշտ չէր այն սքանչելի պատմությունը բացատրելու համար, որ միանդամից բաց էր անում այս տեսարանը։ Թեև խոստովանվում եմ՝ սկզբում ես այնքան էի զարմացել, որ հազիվ թե հավատայի ամենապարզ ապացույցին անդամ։ Ես տեսնում էի այն գետը, որտեղ մի խումբ գեղեցիկ ծառեր մի ժամանակ ծածանում էին իրենց ճյուղերն Ատլանտյան օվկիանոսի ափին, երբ վերջինս (որն այժմ 700 մղոն ետ է քշված) գալիս էր մինչև Անդերի ստորոտները, Ես տեսնում էի, որ նրանք ծլել դուրս են եկել հրաբխային հողից, որը բարձրացել էր ծովի մակարդակից, հետևաբար և այս չոր ցամաքն իր կանգուն ծառերով՝ սուզվել է օվկիանոսի անդունդները։ Այս խորխորատներում, նախապես չոր ցամաքը ծածկվում է սեդիմենտային շերտերով, և ապա սրանք ծածկվում են ընդծովյա լավային մեծ հոսանքներով — այսպիսի մի զանգված ուներ հազար ոտնաչափի հաստություն. և այս հալված քարերի շերտերը և հրային նստվածքներն իրար հաջորդել էին հինգ անգամ։ Օվկիանոսը, որն ընդունել էր նման հաստ զանգվածներ, պետք է որ շատ խորը եղած լիներ. բայց ստորերկրյա ուժերը նորից են ջանք գործ դնում և այժմ իմ աչքերի առջև է այդ օվկիանոսի հատակը, որը կազմում է ավելի քան 7000 ոտնաչափ բարձրություն ունեցող լեռների մի շղթա։ Քնած չեն եղել նաև այն հակամարտ ուժերը, որոնք միշտ գործում են՝ ցամաքի մակերեսը մաշելու, ցածրացնելու համար։ Շերտերի մեծ կույտերը հատվել էին բազմաթիվ լայն հովիտներով, իսկ ծառերը, որոնք այժմ փոխվել էին կայծքարերի, ցցվել էին հրաբխային հողի մեջ, որն այժմ փոխվել էր ապառի, և որի միջից հին ժամանակներում ծառերը կանաչ ու փթթուն՝ բարձրացրել են իրենց բարձր գլուխները։ Այժմ ամեն ինչ ամբողջովին անվերադարձ է, անապատ. մինչև անգամ քարաքոսը չի կարող սնվել հին ծառերի քարացած ձևերից։ Անսահման է թվում այս և հազիվ թե կարելի լինի ըմբռնել այսպիսի փոփոխությունների առաջ գալը. բայց դրանք բոլորն էլ տեղի են ունեցել մի ժամանակաշրջանում, որը, համեմատած Կորդիլյերների պատմության հետ, նոր է. իսկ Կորդիլյերներն իրենց հերթին բոլորովին նոր են, եթե նրանց համեմատելու լինենք Եվրոպայի և Ամերիկայի բրածո պարունակող բազմաթիվ շերտերի հետ։

Ապրիլի 1.— Անցանք Ուսպալատայի շղթան և գիշերեցինք մաքսատանը — հարթավայրի միակ բնակեցված կետում։ Լեռները թողնելուց քիչ առաջ մեր առջև բացվեց մի շատ արտակարգ տեսարան, կարմիր-ծիրանեգույն, կանաչ և բոլորովին սպիտակ սեդիմենտային ապառներն իրարից սև լավաներով բաժանված, ջարդվել և ամեն ուղղությամբ անկանոն ձևով թափանցվել էին մուգ թխագույնից մինչև բաց մանուշակագույն, ամեն գույնի և երանգի պորֆիրի զանգվածներով։ Այդ առաջին անգամն էր, որ ես տեսնում էի մի տեսարան, որն իրապես նման էր այն գեղեցիկ կտրվածքներին, որ երկրաբանները պատկերացնում են որպես երկրի ներսը։

Հաջորդ օրն անցանք հարթավայրը և հետևեցինք նույն այն լեռնային մեծ գետակի հոսանքին, որը հոսում է Լուքսանի միջով։ Այստեղ նա մի կատաղի հեղեղ էր ու բոլորովին անանցանելի և ավելի մեծ էր երևում, քան ներքևում, դաշտից հոսելիս, ինչպես Վիսենսիա վիլլայի առվակն էր։ Հաջորդ օրը երեկոյան հասանք Ռիո դե Լաս Վակաս, որն ամբողջ Կորդիլյերներում համարվում է անցնելու համար ամենավատ հոսանքը։ Որովհետև այս բոլոր գետակներն էլ արագ և կարճ ընթացք ունեն և կազմվում են ձյան հալչելուց, ուստի օրվա տաքբեր ժամերին նրանց ծավալի զգալի տարբերություններ են առաջանում։ Երեկոյան առվակը տղմոտ ու մեծ է լինում, բայց առավոտյան լուսանալիս դառնում է պարզ և ոչ այնքան սրընթաց։ Այս բանը երևաց Ռիո Վակասում, և առավոտյան այն անցանք շատ փոքր դժվարությամբ։

Տեսարանը մինչև այստեղ շատ անհետաքրքրական էր, եթե այն համեմատելու լինենք Պորտիլյոյի լեռնանցքի տեսարանի հետ։ Քիչ քան կարելի է տեսնել այն մեծ, լայն հատակով հովտի մերկ պատերից այն կողմը, որի միջից ճանապարհը բարձրանում է վեր, մինչև ամենաբարձր կատարը, հովիտը և ահռելի ժայռոտ լեռները ծայր աստիճան մերկ և անպտուղ են։ Նախորդ երկու գիշերը խեղճ ջորիները բացարձակապես ոչինչ չունեին ուտելու, որովհետև, բացառությամբ մի քանի ձյութային ցածր թփուտներից հազիվ թե որևէ բույս նկատվեր։ Այսօր մենք անցանք Կորդիլյերների ամենավատ լեռնանցքերից մի քանիսը, բայց պետք է ասել, որ նրանց վտանգավորությունը շատ է չափազանցված։ Ինձ ասում էին, որ եթե ես փորձեի ոտքով անցնել, գլուխս կպտտվեր, իսկ ձիուց իջնելու տեղ չկա. բայց ես չտեսա մի տեղ, որտեղից որևէ մեկը չկարողանար կրնկակոխ ետ ետ քայլել կամ թե չկարողանար ջորին դուրս բերել ճանապարհից որևէ կողմի վրա։ Այդ վատ անցքերից մեկը, որը կոչվում է Las Animas (հոգիներ), անցնելուց մի օր հետո իմացա, որ այդ սարսափելի վտանգավոր կետերից մեկն է եղել։ Անկասկած, շատ տեղեր կան, որտեղ, եթե ջորին սայթաքի, հեծնողը կգլորվի խոր անդունդները, բայց այդպիսի դեպք շատ հազվադեպ է պատահում։ Ճիշտ է, գարնանը „laderas”-ները կամ ճանապարհները, որոնք ամեն տարի նորից են կազմվում թափված բեկորների կույտերի միջից, շատ վատ են. բայց ելնելով իմ տեսածից ես ենթադրում եմ, որ իրական վտանգը ոչինչ է։ Բեռնավորված ջորիների դեպքում դրությունը բոլորովին այլ է, որովհետև բեռներն այնքան են դուրս ցցված լինում, որ կենդանիները երբեմն դիպչելով իրար կամ ցցված ժայռի՝ կորցնում են իրենց հավասարակշռությունը և գլորվում անդունդները։ Գետերն անցնելիս կարելի է վստահ ասել, որ դժվարությունը շատ մեծ է. բայց տարվա այս եղանակին նեղությունն այնքան մեծ չէր, իսկ ամառը պետք է որ գետը շատ վտանգավոր լինի։ Ես կարող եմ լավ պատկերացնել, ինչպես սըր Ֆ. Հեդն է նկարագրում, տարբեր արտահայտություններն այն մարդկանց, որոնք արդեն անցել են անդունդը, և նրանց, որոնք անցնում են։

Երբեք չեմ լսել, որ որևէ մեկը խեղդվել է այս գետերում, բայց բարձած ջորիների հետ այդ հաճախ է պատահում։ Արիերոն (ջորեպանը) ասում է քեզ, որ ցույց տաս ջորուն նրա անցնելու ամենահարմար գիծը և ապա թույլ տաս, որ նա անցնի՝ ինչպես ուզում է. բարձած ջորին վատ ուղղություն է վերցնում և հաճախ կորչում է։

Ապրիլի 14.— Ռիո դե Լաս Վակասից մինչև Պուենտե դել Ինկաս կես օրվա ճանապարհ է։ Որովհետև ջորիների համար կար արոտատեղ, իսկ ինձ համար՝ հետաքրքրական երկրաբանություն, գիշերելու համար ընտրեցինք այստեղ, բացօթյա։ Երբ մեկը լսում է բնական կամուրջի մասին, պատկերացնում է խորը և նեղ կիրճ, որի վրա ընկած է լինում ժայռերի մի ցցված զանգված կամ մի մեծ խոռոչավոր կամար՝ նման քարանձավի առաստաղի։ Ինկերի Կամուրջն այսպես չէ. նա բաղկացած է շերտավորված մանր խճերի կեղևից, որոնք իրար են կապակցված մոտակա տաք աղբյուրների նստվածքներով։ Այնպես է երևում, կարծես թե հոսանքը իր հունը փորել էր մի կողմի վրա միայն, թողնելով վրայից կախված մի ելուստ, որը դեմ էր առել հակառակ գահավանդից թափվող քարերին ու հողին։ Իսկապես մի շեղ միացում, որն ամենայն հավանականությամբ պետք է տեղի ունենար այսպիսի դեպքում, պարզ նկատվում էր մի կողմում։ Ինկերի Կամուրջը ոչ մի կերպ արժանի չէ այն մեծ միապետներին, որոնց անունը նա կրում է։

Ապրիլի 5.— Մի ամբողջ երկար օր ձիերով անցանք կենտրոնական լեռնաշարքի լայնքով, Ինկերի Կամուրջից մինչև Օխոս դել Ագուա, որոնք գտնվում են չիլիական կողմի ամենացածր կազուչայի (casucha) մոտ։ Այս կազուչաները կլոր փոքրիկ աշտարակներ են, դրսից ունեն աստիճաններ, որոնք հասնում են մինչև հատակը, որը մի քանի ոտնաչափ գետնից բարձրացված է՝ ձյունաբուքից պաշտպանվելու համար։ Սրանք ութ հատ են և սպանական կառավարության ժամանակ ձմեռն այստեղ մթերում էին սննդանյութեր ու փայտի ածուխ, և յուրաքանչյուր սուրհանդակ ունենում էր մի ընդհանուր բանալի։ Այժմ սրանք գործածվում են որպես սոսկ նկուղներ կամ ավելի շուտ՝ որպես զնդաններ։ Ամեն մեկը մի փոքր բարձունքի վրա տեղավորված՝ այնքան էլ խորթ չեն շրջապատի ամայության համար։ Կումբրի կամ ջրբաժանի զիգզագ վերելքը շատ թեք էր և ձանձրալի։ Ըստ մր. Պենտլենդի, նրա բարձրությունը 12454 ոտնաչափ է։ Ճանապարհը ոչ մի տեղ չէր անցնում հավերժական ձյան միջով, թեև երկու կողմում էլ ձյան փոքրիկ մնացորդներ կային։ Գագաթին քամին չափազանց սառն էր, բայց հնարավոր չէր մի քանի րոպե կանգ չառնել նորից և նորից երկնքի գույնով և մթնոլորտի պայծառ թափանցկությամբ սքանչանալու համար։ Տեսարանն սքանչելի էր. դեպի արևմուտք գտնվում էին գեղեցիկ, բայց անկանոն լեռներ, իրարից խորը կիրճերով բաժանված։ Սովորաբար նախքան սեզոնի այս շրջանը որոշ չափով ձյուն է տեղում, և մինչև անգամ պատահել է, որ այս օրերին Կորդիլյերներն արդեն փակված են եղել։ Մենք շատ բախտավոր էինք։ Գիշեր ցերեկ երկինքն անամպ էր, եթե չհաշվենք գոլորշու մի քանի փոքրիկ կլոր զանգվածները, որոնք պարուրվել էին ամենաբարձր սուր գաղաթների ծայրերին։ Ես հաճախ եմ տեսել այս կղզյակները երկնքում, նշմարելով Կորդիլյերների դիրքը, երբ հեռվի լեռները թաքնված են եղել հորիզոնի տակ։

Ապրիլի 6.— Առավոտյան պարզվեց, որ գողերը գողացել էին մեր ջորիներից մեկը և մադրինայի զանգակը։ Ուստի մենք ստիպված եղանք երկու-երեք մղոն հովտով ներքև իջնել, և հաջորդ օրը մնացինք այնտեղ, հույս ունենալով, որ կգտնենք գողացված ջորին, որը, ջորեպանի կարծիքով, կարող էին թաքցրած լինել կիրճերից մեկում։ Այո մասում տեսարանն ստացել էր չիլիական բնույթ, լեռների ներքին մասերը, կիտկիտած Քուիլայի մշտականաչ դալուկ ձառերով և աշտանականման մեծ կակտուսներով, ավելի շատ հիացմունք են պատճառում, քան արևելյան մերկ հովիտները, բայց և այնպես ես համաձայն չեմ մի շարք ճանապարհորդների արտահայտած հիացմունքի հետ։ Ամենամեծ հաճույքը, կարծում եմ, լավ խարույկի և լավ ընթրիքի արդյունքն է, վերևի ցուրտ շրջաններից փախչելուց հետո, այդ դեպքում ես բաժանում եմ նրանց հիացմունքի զգացողությունը։

Ապրիլի 8.— Դուրս եկանք Ակոնգակուայի հովտից, որտեղով իջել էինք, և, երեկոյան հասանք Սանտա Ռոսա վիլլային մոտիկ մի հյուղակ։ Այս հարթավայրի արգավանդությունը մեծ բերկրանք էր առաջացնում մեր մեջ. աշունը եկել էբ, և շաա պտղատսւ ծառերի տերևներ սկսել էին թափվել. իսկ բնակիչներից ոմանք զբաղված էին իրենց խրճիթների կտուրների վրա թուզ և դեղձ չորացնելով, իսկ մյուսներն՝ այգեկութով։ Գեղեցիկ տեսարան էր, բայց այստեղ բացակայում էր այն թախծոտ լռությունը, որն Անգլիայում աշունը դարձնում է տարվա երեկոն։ 10-ին հասանք Սանտ Յագո, որտեղ մր. Կալդկլյուի մոտ վերին աստիճանի բարի և հյուրընկալ ընդունելություն գտա։ Իի էքսկուրսիան ինձ վրա նստեց միայն քսանչորս օր, և ես երբեք այլ անգամներ նույնքան կարճ ժամանակն ավելի խորը չեմ վայելել։ Մի քանի օր հետո վերադարձա Վալպարայսո, մր. Կորֆիլդի տունը։


ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՉԻԼԻ ԵՎ ՊԵՐՈՒ

Ծովափնյա ճանապարհ դեպի Կոկիմբո.— Հանքագործների շալակած մեծ բեռները.— Կոկիմբո.— Երկրաշարժ.— Աստիճանաձև տերրասներ.— Ժամանակակից նստվածքների բացակայությունը.— Երրորդական ֆորմացիաների միաժամանակությունը.— Էքսկուրսիա հովտով դեպի վեր.— Գուասկո տանող ճանապարհը.— Անապատներ.— Կոպիապոյի հովիտը.— Անձրև և երկրաշարժներ.— Հիդրոֆոբիա.— Դեսպոբլադո.— Հնդկական ավերակներ.— Կլիմայի հավանական փոփոխությունը.— Գետի հունը՝ երկրաշարժից բարձրացած.— Սառը քամինր.— Մի բլրից լսվող աղմուկը— Իկիկե.— Աղային ալուվիում.—Նատրիում նիտրատ.— Լիմա.— Վատառողջ շրջան.— Կալաոյի ավերակները՝ երկրաշարժից կործանված.— Վերջին նստեցումներ.— Սան Լորենցոյի բարձրացած խեցիները, նրանց քայքայումը.— Թաղված խեցիներով և կավե ամանների բեկորներով հովիտներ.— Հնդկական ցեղի հնությունը։

Ապրիլի 27.— Ուղևորվեցի դեպի Կոկիմբո և այնտեղից Գուասկոյի միջով Կոպիապո, որտեղ կապիտան Ֆից Ռոյն ինձ բարեսրտաբար առաջարկեց նորից մտնել «Բիգլ»։ Ափի երկայնքով ուղիղ դծով դեպի հյուսիս՝ այս հեռավորությունը 420 մղոն է. բայց իմ ճանապարհորդելու֊ եղանակը շատ դանդաղ էր։ Ես գնեցի չորս ձի և երկու ջորի. վերջիններս փոխեփոխ տանելու էին բեռները։ Այս վեց կենդանին միասին արժեց քսանհինգ ֆունտ ստերլինգ, և Կոպիապոյում այդ կենդանիները ես նորից ծախեցի քսաներեք ֆունտ ստերլինգով։ Մենք ճանապարհորդում էինք այնպես անկախ, ինչպես առաջ, ինքներս եփելով մեր կերակուրը և քնելով բաց երկնքի տակ։ Երբ մենք գնում էինք Վինյո դել Մար ուղղությամբ, վերջին անգամ մի հրաժեշտի հայացք գցեցի Վալպարայսոյի վրա՝ սքանչանալով նրա գեղանկար տեսքով։ Երկրաբանական նպատակների համար ես մի դարձք կատարեցի գլխավոր ճանապարհից մինչև Քիլոտայի Զանգակալեռան ստորոտը։ Ոսկով հարուստ ալուվիալ շրջանով անցնելով՝ երեկոյան հասանք Լիմաչեի մոտերը, որտեղ և գիշերեցինք։ Յուրաքանչյուր գետակի երկու կողմերում ցրված բազմաթիվ խրճիթների բնակիչներն իրենց ապրուստը ճարում էին ոսկի լվանալով, բայց նման այն մարդկանց, որոնց եկամուտն անորոշ է, սրանք իրենց սովորություններով չափազանց անտնտեսող են, հետևաբար և աղքատ։

Ապրիլի 28.— Կեսօրից հետո ժամանեցինք Զանգակալեռան ստորոտին գտնվող մի ֆերմա։ Բնակիչները հողատերեր էին, որն այնքան սովորական երևույթ չէ Չիլիում։ Սրանք իրենց ապրուստը հայթայթում էին մի այգու և մի փոքր հողամասից ստացված եկամուտով, բայց շատ աղքատ էին։ Կապիտալն այստեղ այնքան անբավարար է, որ բնակիչներն ստիպված են ծախել իրենց հացահատիկը, երբ վերջինս դեռ գտնվում է դաշտում, կանաչ վիճակում, որպեսզի հոգան եկող տարվա կարիքները։ Այս պատճառով էլ ցորենն իր մշակման վայրում ավելի թանկ էր, քան Վալպարայսոյում, որտեղ ապրում են կապալառուները։ Հաջորդ օրը հասանք Կոկիմբո տանող գլխավոր ճանապարհին։ Գիշերը շատ թեթև անձրև եկավ։ Այս առաջին անձրևն էր, որ գալիս էր սեպտեմբերի 11-ի և 12-ի ուժեղ տեղատարափից հետո, որն ինձ բանտարկել էր Կաուկենեսի տաք աղբյուրներում։ Այդ ընդմիջումը յոթ և կես ամիս էր. բայց այս տարի անձրևը սովորականից ուշ էր սկսվում։ Հեռվում Անդերը ծածկված էին ձյան հաստ շերտով և փառավոր տեսք էին ստացել։

Մայիսի 2.— Ճանապարհը շարունակվում էր ծովափով և ծովից ոչ շատ հեռու։ Այն սակավաթիվ ծառերը և մացառները, որոնք սովորական են Կենտրոնական Չիլիի համար, արագ պակասում էին և փոխարինվում մի բարձր բույսով, որը որոշ կողմերով նման էր յուկային (Jucca)։ Երկրի մակերեսը, մինչև անգամ փոքր մասշտաբով վերցրած, եզակիորեն անկանոն էր և խորտուբորտ, փոքրիկ գահավեժ գագաթները բարձրանում էին փոքր հարթավայրերի կամ ավազանների միջից։ Ոլորապտույտ ափը և մոտակա ծովի հատակը, զարդարված ռիֆերով, եթե չոր ցամաքի փոխարկվեին, նման ձևեր կներկայացնեին, և անկասկած նման մի փոխարկման ենթարկվել է ցամաքի այն մասը, որի վրայով քայլում էինք։

Մայիսի 3.— Կիլիմարիից մինչև Կոնչալի երկիրը հետզհետե ավելի չորանում, անբերրիանում էր։ Հովիտներում հազիվ թե այնքան ջուր լիներ, որ բավական լիներ որևէ ոռոգում կատարելու համար, իսկ միջանկյալ տարածությունը բոլորովին մերկ էր, չէր կարելի մինչև անգամ այծ պահել։ Գարնանը, ձմեռային տեղումներից հետո, արագ դուրս է գալիս շատ նոսր խոտ, և այդ ժամանակ Կորդիլյերներից անասուններին բերում են ներքև՝ կարճ ժամանակով արածացնելու համար: Հետաքրքրական է դիտել, թե ինչպես կանաչի և այլ բույսերի սերմերը կարծես ձեռք բերած մի հատկությամբ հարմարվում են այս ափերի տարբեր մասերում տեղացող անձրևի քանակությանը։ Հեռվում, Կոպիապոյից հյուսիս, բուսականության համար մի տեղատարափն այն էֆեկտն է ունենում, որքան երկուսը՝ Գուաuակոյում և երեքը կամ չորսը՝ այս շրջանում։ Մի չոր ձմեռ Վալպարայսոյում մեծ վնասներ կպատճառի արոտատեղերին, մինչդեռ Գուասկոյում նույն ձմեռն անսովոր առատություն կառաջացնի։ Ընթանալով հյուսիս, անձրևի քանակության նվազումը լայնության փոփոխությունից ավելի արագ է տեղի ունենում. Կոնչալիում, որը Վալպարայսոյից միայն 67 մղոն է հեռու, անձրև չի գալիս մինչև մայիսի վերջը. մինչդեռ Վալպարայսոյում սովորաբար որոշ չափով տեղում է ապրիլի սկզբներին։ Տարեկան տեղումը նույնպես, համեմատած անձրևային սեզոնի ուշացման հետ, փոքր է։

Մայիսի 4.— Ծովափնյա ճանապարհը որևէ հետաքրքրությունից զուրկ գտնելով՝ դարձանք դեպի երկրի ներսը, դեպի հանքային շրջանները և Իլապելի հովիտը։ Այս հովիտը, ինչպես առհասարակ Չիլիի յուրաքանչյուր հովիտ, հարթ է, լայն ու բերրի, յուրաքանչյուր կողմից բարձրանում են շերտավորված խճերի գահավանդներ կամ մերկ ժայռոտ լեռներ։ Ոռոգող ամենաբարձր կանալի ուղիղ գծից վերև ամեն ինչ թխագույն է, ինչպես մեծ ճանապարհների վրա. մինչ նույն գծից ներքև ալֆարֆայի (մի տեսակ առվույտ) մարգերից գետինն ամբողջովին վառ-կանաչ է երևում, ինչպես վերդիգրիսը։[174]

Շարժվեցինք դեպի Լոս Հոռնոս, մի այլ հանքային շրջան, որտեղ գլխավոր բլուրը ծակված էր բազմաթիվ ծակերով, ինչպես մրջյունների մեծ բներն են լինում։ Չիլիի հանքագործներն իրենց սովորություններով առանձնահատուկ մարդիկ են։ Շաբաթներով ապրում են ամենաամայի վայրերում, իսկ երբ տոնական օրերին գյուղերն են իջնում, չի մնում և ոչ մի չափազանցություն, որի սահմաններից դուրս չգան։ Երբեմն նրանք աշխատում են մի զգալի գումար և ապա փորձում են, թե ո՛րքան շուտ կարող են վատնել, վերջացնել այն, ճիշտ այնպես, ինչպես նավաստիներն են ծախսում իրենց ստացած մրցանակը։[175] Խմում են չափազանց շատ, գնում են շորեր և մի քանի օրից հետո առանց մի պեննիի վերադառնում են իրենց ողորմելի բնակարանները, այնտեղ ավելի ծանր աշխատելու, քան բեռնատար կենդանիները։ Այս անհոգությունը նավաստիների և սրանց մոտ բխում է կյանքի միօրինակ եղանակից։ Նրանց օրական ապրուստը արվում է նրանց և այդ պատճառով հոգատարության սովորություն ձեռք չեն բերում, բացի այդ, գայթակղումները և այդ գայթակղումներին անձնատուր լինելու միջոցները միաժամանակ գտնվում են նրանց տրամադրության տակ։ Մինչդեռ Կոռնվալում և Անգլիայի մի քանի այլ մասերում, որտեղ հետևում են հանքի երակի մասերի վաճառքի սիստեմին, հանքագործներն ստիպված լինելով գործել և մտածել իրենց մասին՝ եզակիորեն խոհեմ են և լավ վարքի մարդիկ։

Չիլիեցի հանքագործի հագուստը շատ յուրահատուկ է և գեղանկար։ Նա հագնում է շատ երկար շապիկ և մութ գույնի բրդե պաստառ, կաշվե գոգնոցով. այս բոլորն իր մեջքին կապողը պայծառ գույնի մի գոտի է։ Նրա շալվարը շատ լայն է, իսկ նրա ծիրանի փոքրիկ գլխարկն այնպես է պատրաստված, որ սերտ կպած է լինում գլխին։ Մենք հանդիպեցինք այս հանքագործների մի խմբի, լրիվ տարազով, որոնք իրենց ընկերներից մեկի դիակը տանում էին թաղելու։ Նրանք քայլում էին շատ արագ. չորս մարդ տանում էին մարմինը։ Մարմինը տանողների մի խումբը, արագ քայլելով մինչև երկու հարյուր յարդ, հերթափոխվում էր չորս այլ մարդկանցով, որոնք նախօրոք ձիերով առաջ էին գնացած լինում։ Այսպես նրանք շարժվում էին առաջ և իրար մխիթաըում վայրի աղաղակներով. տեսարանն ամբողջությամբ ներկայացնում էր մի վերին աստիճանի տարօրինակ հուղարկավորություն։

Շարունակեցինք մեր ճանապարհը զիգզագ գծով առաջ՝ երբեմն կանգ առնելով մեկ օրով՝ երկրաբանությունն ուսումնասիրելու համար։ Շրջանն այնքան քիչ բնակչություն ուներ, և ճանապարհներն՝ այնքան անորոշ, որ հաճախ դժվարանում էինք ճանապարհը գտնել։ 12-ին կանգ առա մի քանի հանքահորերի մոտ։ Այստեղ հանքն այնքան էլ լավ չէր համարվում, բայց առատ լինելով՝ ենթադրվում էր, որ այն կարելի էր ծախել երեսուն կամ քառասուն հազար դոլարով (6000 կամ 8000 ֆունտ ստերլինգ). մինչդեռ մի անգլիական ընկերություն այն գնել էր մեկ ունցիա ոսկով (երեք ֆունտ ստերլինգ և ութ շիլինգ)։ Հանքը ներկայացնում է դեղին պիրիտներ, որոնց մասին, ինչպես առաջ հիշատակել եմ, նախքան անգլիացիների գալը կարծում էին, թե ոչ մի մասնիկ պղինձ չեն պարունակում։ Գրեթե նույնչափ շահավետ, որքան վերը բերած օրինակը, գնում էին մետաղախարամի կույտեր, որոնք պարունակում էին առատ քանակությամբ մետաղական պղնձի գնդիկներ. այնուամենայնիվ այս բոլոր առավելություններով հանդերձ հանքարդյունաբերող ընկերությունը, ինչպես լավ հայտնի է, մտածում էր, թե մեծ գումարներ կկորցնի։ Կոմիսիոներների և փայատերերի մեծ մասի անմտությունը չլսված չափերի էր հասնում։ Երբեմն տարեկան վատնում էին հազար ոսկի՝ չիլիական պաշտոնական և հեղինակավոր անձնավորությունների համար խրախճանքներ կազմակերպելու. գնում էին շքեղ կազմով երկրաբանական գրքերի գրադարաններ, վարձում էին հանքագործներ այնպիսի մետաղների համար, ինչպես անագն է, որ Չիլիում չկա, պայմանավորվում էին հանքագործներին կաթ մատակարարել այնպիսի շրջաններում, որտեղ կով չկա. բերում էին մեքենաներ, որոնք հավանորեն անգործածելի էին մնում, և նման հարյուրավոր կարգադրություններ վկայում են անգլիացիների անմտության մասին և մինչև այսօր էլ տեղացիներին ծիծաղեցնում են անգլիացիների, վրա։ Իսկ եթե այդ նույն կապիտալը խելացի օգտագործվի այս հանքերի վրա, անկասկած անսահման օգուտներ կտա. միայն անհրաժեշտ է մի հավատարիմ, հմուտ և գործնական մարդ։

Կապիտան Հեդը նկարագրել է այն զարմանալի բեռը, որ «ապիրները», ինչպես բեռնատար անասուններ, դուրս են բերում ամենախորը հանքահորերից։ Խոստովանվում եմ, որ սկզբում այդ ինձ չափազանցություն էր թվում, ուստի ուրախ կլինեի, եթե առիթ ունենայի այդ բեռներից մեկը կշռելու։ Կշռեցի պատահական մի բեռ։ Եմ կողմից անհրաժեշտ եղավ մկանային մեծ լարում՝ այդ բեռը գետնից ուղիղ վեր բարձրացնելու համար։ Այս բեռը համարվում էր սովորականից թեթև, որովհետև կշռելուց հետո պարզվեց, որ նա 197 ֆունտ է (մեկ ֆունտը 453 գրամ է)։ Ապիրն այս բեռը բարձրացրել դուրս էր բերել ութսուն յարդ խորությունից, ճանապարհի կեսը թեք անցքերով, բայց մեծ մասը՝ խոտորնակի գցած գերաններից, որ զիգզագ գծով ամրացրել էին հանքահորի խորքերից մինչև դուրսը։ Համաձայն ընդհանուր կանոնադրության՝ ապիրին չի թույլատրվում կանգ առնել շունչ քաշելու համար. այդ կարելի է միայն այն դեպքում, երբ հանքահորն ունի վեց հարյուր ոտնաչափ խորություն։ Միջին բեռը համարվում է ոչ պակաս քան 200 ֆունտ, և ինձ հավատացնում էին, որ մի անգամ փորձի համար մեկն ամենախոր հանքից դուրս է բերել 300 ֆունտ (136 կիլոգրամ)։ Այդ օրերին ապիրներն օրական դուրս էին բերում տասներկու բեռ, այսինքն յուրաքանչյուրն ութսուն յարդ խորությունից հանում էր 2 400 ֆունտ, իսկ ընդմիջումներին նրանց զբաղեցնում էին հանքը ջարդելու և հավաքելու համար։

Այս մարդիկ, եթե չհաչվենք պատահարները, առողջ են և արտաքուստ ուրախ են երևում։ Նրանց մարմինը մկանուտ չէ։ Քիչ դեպքերում են միայն նրանք շաբաթը մեկ անգամ միս ուտում, իսկ ավելի հաճախ երբեք չեն ուտում. նրանց գործածած միսը միայն պինդ ու չոր չարկին (արևով չորացրած միս) է։ Թեև գիտեի, որ աշխատանքը կամավոր է, այնուամենայնիվ վրդովեցուցիչ էր տեսնել, թե ինչ վիճակում էին նրանք հասնում հանքահորերի բերանը։ Նրանց մարմինը թեքվում էր առաջ, ձեռքերով հենվում էին աստիճաններին, սրունքները ծռվում էին, մկանները դողդողում, քրտինքը դեմքներից հոսում կրծքների վրա, ռունգները լայնանում, բերանների ծայրերը ուժեղ ձգվում էին դեպի ետ, իսկ արտաշնչումը չափազանց դժվարանում էր։ Յուրաքանչյուր անգամ շունչ քաշելիս արձակում էին պարզահնչյուն մի աղաղակ՝ «ա՛յ, ա՛յ», որը վերջանում էր խորը կրծքից բարձրացող սուր ձայնով, ինչպես սուլիչի նոտան։ Երերալով հանածոյի դեզի մոտ հասնելուց հետո դատարկում էին իրենց «կարպաչոն», երկու-երեք րոպե շունչ էին քաշում, սրբում քրտինքը հոնքերից և, առերևույթ հանգստացած, արագ քայլերով նորից իջնում հանքահորը։ Այդ ինձ թվում էր աշխատանքի քանակի մի զարմանալի դեպք, որին տոկալ ի վիճակի է դարձնում մարդուն միայն սովորությունը, և ոչ մի այլ բան։ Երեկոյան այս հանքերի մայոր-դոմոյի հետ երկրի բոլոր կողմերում տարածված օտարականների թվի մասին խոսելիս նա ինձ պատմեց, որ իր երիտասարդ ժամանակը, երբ ինքը Կոկիմբոյում աշակերտ է եղել, մի օր դպրոցն արձակում են մի անգլիացի նավապետի տեսնելու համարի որը քաղաք էր բերված նահանգապետի հետ խոսելու նպատակով։ Նա հավատացած էր, որ ոչ մի բան չէր կարող ստիպել տղաներին, ներառյալ նաև իրեն, որ մոտենան անգլիացուն. ո՜րքան խորն է եղել նրանց մեջ այն միտքը, որ այդպիսի մարդկանց հետ շփվելիս արդյունքը լինում է հերետիկոսություն, ապականություն և չարիք։ Մինչև այժմ նրանք պատմում են բուկանյերների[176] սոսկալի գործողությունները, մասնավորապես մեկինը, որը թռցնում է կույս Մարիամի պատկերը և մի տարի հետո վերադառնում է սուրբ Հովսեփի պատկերի համար, ասելով, թե մեղք է, որ տիկինը առանց ամուսնու մնա։ Ինձ պատմում էին նաև մի ծեր տիկնոջ մասին, որը Կոկիմբոյում ճաշի ժամանակ նկատում է, թև որչափ զարմանալի է և տարօրինակ, որ իր կյանքի ընթացքում իրեն վիճակվել է ճաշել այնպիսի մի սենյակում, սրտեղ անգլիացի կա, որովհետև նա հիշելիս է լինում, որ աղջիկ ժամանակը երկու անգամ սոսկ „Los Ingleses” բացագանչելիս ամեն մեկը ինչ արժեքավոր բան որ կարողանում էր վերցնել, առնում էր և սարերը փախչում։

Մայիսի 14.— Հասանք Կոկիմբո, որտեղ մնացինք մի քանի օր։ Քաղաքը, բացի իր ծայր աստիճան խաղաղությունից, ոչնչով աչքի չի ընկնում։ Ասում են, որ նա ունի 6000-ից մինչև 8000 բնակիչ։ 17-ի առավոտյան թեթևակի անձրևեց մոտ հինգ ժամ. այդ առաջին անգամն էր այս տարի, որ անձրև էր գալիս։ Հողագործները, որոնք ծովափին մոտիկ են, ուր ավելի խոնավ է, եգիպտացորեն են ցանում, օգտվելով այս անձրևից՝ փորում էին գետինը. երկրորդ անձրևին կցանեին, իսկ եթե երրորդը տեղար, գարնանը մի լավ բերք կհավաքեին։ Հետաքրքրական էր դիտել այս չնչին խոնավության ազդեցությունը գետնի վրա։ Տասներկու ժամ հետո գետինն այնպես չոր էր, ինչպես առաջ. բայց և այնպես տասն օրվա ընդմիջումից հետո բոլոր բլուրները տեղ-տեղ թույլ կերպով երանգավորվել էին կանաչ գույնով, կանաչ խոտը մազանման թելիկներով, մի մատնաչափ երկարությամբ ցրվել էր ամեն կողմ։ Այս անձրևից առաջ գետինն ամենուրեք այնպես մերկ էր, ինչպես գլխավոր ճանապարհների վրա։

Երեկոյան կապիտան Ֆից Ռոյը և ես ընթրում էինք մր. Էդվարդսի հետ, մի անգլիացի բնակչի, որի հյուրասիրությունը լավ հայտնի է բոլոր նրանց, ովքեր եղել են Կոկիմբոյւււմ, երբ մի ուժեղ երկրաշարժ տեղի ունեցավ։ Ես լսեցի նախորդող որոտը, բայց կանանց ճիչերից, ծառաների այս ու այն կողմ վազվզելուց և մի քանի տղամարդկանց դեպի դուռը շտապելուց — այս բոլոր աղմուկի պատճառով ես չկարողացա հարվածի ուղղությունը որոշել։ Կանանցից մի քանիսը հետագայում դողում էին ահաբեկված, իսկ մի մարդ ասում էր, որ ինքն ամբողջ գիշերը չպիտի կարողանար քնել, իսկ եթե քնի, երազում միայն խորտակվող տներ պիտի տեսնի։ Այս մարդու հայրը վերջերս իր ամբողջ կարողությունը կորցրել էր Տալկահուանոյում, իսկ ինքը հազիվ էր ազատվել 1822 թվին Վալպարայսոյում խորտակվող մի տան միջից դուրս փախչելով։ Նա հիշատակում էր մի հետաքրքրական զուգադիպություն, որը պատահել էր այդ ժամանակ. նա կարտ է խաղալիս լինում, երբ մի գերմանացի, խմբի անդամներից մեկը վեր է կենում և ասում, որ ինքն այս երկրներում երբեք չի նստի այնպիսի օթյակում, որի դռները փակ են, որովհետև այդպես վարվելու պատճառով քիչ էր մնում, որ նա Կոպիապոյում կորցներ իր կյանքը։ Ուստի նա բացում է դուռը. նույն վայրկյանին գոռում է՝ «Ահա նորի՜ց է սկսվում»,— և սկսվում է հռչակավոր ցնցումը։ Ամբողջ խումբը փախչում է։ Երկրաշարժի ժամանակ վտանգը դուռը բանալու համար կորցրած ժամանակից չի առաջանում, այլ կարող է պատահել, որ նա պատերի շարժումից սեղմվի և այլևս չբացվի։

Հնարավոր չէ ներկայացնել, թե ինչպես են սարսափահար լինում տեղացիները և երկար ժամանակ այնտեղ ապրած օտարականները երկրաշարժի ժամանակ, թեև նրանցից շատերը հայտնի են որպես ինքնիշխող մարդիկ։ Կարծում եմ, որ խուճապային այս ծայրահեղությունները կարելի է մասամբ վերագրել իրենց երկյուղը կառավարելու սովորության բացակայությանը, և այդ արդյունք է այն բանի, որ վախենալուց և իրար անցնելուց չեն ամաչում։ Պետք է ավելացնել և այն, որ այս տեղացիները չեն սիրում մեկին անտարբեր տեսնել։ Ինձ պատմում էին, որ երկու անգլիացի մի թեթև երկրաշարժի ժամանակ պառկած են լինում դրսում և գիտենալով, որ մի վտանգ չկա, չեն վեր կենում։ Տեղացիները զայրացած գոռում են, «Այս հերետիկոսներին մեկ նայեցեք, մինչև անգամ չեն ուզում վեր կենալ իրենց անկողնից»։

Մի քանի օր ես զբաղված էի խճերի աստիճանաձև տերրասների ուսումնասիրությամբ, որ առաջին անգամ նկատել է կապիտան Բ. Հոլը. ըստ մր. Լայելի՝ այն պետք է կազմված լինի ծովի կողմից՝ ցամաքի աստիճանական բարձրացման ժամանակ։ Իրոք այս ճիշտ բացատրությունն է, որովհետև այս տերրասների վրա ես գտա ներկայումս գոյություն ունեցող խեցիների բազմաթիվ տեսակներ։ Հինգ նեղ, քիչ թեք, երիզաձև տերրաս բարձրանում են մեկը մյուսի հետևից և ամենալայն մասերում նրանք կազմված են մանր խճերից։ Սրանք կանգնած են ծոցի դիմաց և բարձրանում են հովտի երկու կողերով։ Կոկիմբոյից հյուսիս, Գուասկոյում այս երևույթը ցուցադրվում է շատ ավելի մեծ մասշտաբով, այնպես որ զարմացնում է մինչև անգամ տեղացիներից մի քանիսին։ Այնտեղ տերրասները շատ ավելի լայն են և կարող են հարթավայրեր կոչվել, որոշ մասերում սրանց թիվը հասնում է վեցի, բայց սովորաբար հինգ է լինում։ Սրանք հովտով վեր են բարձրանում և տարածվում ափից մինչև երեսունյոթ մղոն։ Այս սանդղաձև տերրասները կամ երիզները խիստ նման են Սանտա Կրուսի հովտում եղածներին և, եթե նկատի չունենանք նրանց փոքրությունը, Պատագոնիայի ծովափի ամբողջ երկայնքի վրա գտնվող տերրասներին։ Անկասկած սրանք կազմվել են ծովի մերկացնող ուժի միջոցով, մի պրոցեսի, որը տեղի է ունեցել երկար հանգիստ ժամանակաշրջաններում, ցամաքի աստիճանական բարձրացման ընթացքում։

Գոյություն ունեցող բազմաթիվ խեցիների տեսակներ ոչ միայն գտնվում են Կոկիմբոյի տերրասների մակերեսներին (մինչև 250 ոտնաչափ բարձրության վրա), այլ և թաղված են կրային փխրուն ապառի մեջ, որը մի քանի տեղ հասնում է քսանից երեսուն ոտնաչափ հաստության, բայց ոչ մեծ տարածությամբ։ Այս նոր շերտերը հանգստանում են մի հին երրորդական ֆորմացիայի վրա, որը նույնպես պարունակում է խեցիներ, որոնք բոլորն էլ ըստ երևույթին անհետացել են։ Թեև ես հետազոտել եմ մի քանի հարյուր մղոն տարածություն և՛ Խաղաղ, և՛ Ատլանտյան օվկիանոսների ափերին, բայց ոչ մի կանոնավոր շերտ չեմ գտել, որ արդի տեսակի ծովային խեցիներ պարունակի, եթե չհաշվենք այստեղ և ավելի հյուսիս՝ Գուասկո տանող ճանապարհի վրա մի քանի կետերում եղածները։ Այս փաստն ինձ չափազանց նշանակալի է թվում, որովհետև այն բացատրությունը, որ երկրաբանները սովորաբար տալիս են որևէ շրջանում որոշ պերիոդի պատկանող շերտավոր և բրածոներ պարունակող նստվածքների բացակայության, կամ, ինչպես ասում են, այդ շրջանի մակերեսն այն ժամանակ գոյություն է ունեցել որպես ցամաք,— այստեղ կարելի է կիրառել, որովհետև մենք մակերեսին ցրված և թույլ ավազի կամ կաղապարի մեջ թաղված խեցիներից գիտենք, որ ցամաքը երկու ափերի երկայնքով էլ հազարավոր մղոններով սուզվել է ջրի տակ։ Անկասկած, բացատրությունը պետք է փնտրել այն փաստի մեջ, որ այս մայր ցամաքի ամբողջ հարավային մասը երկար ժամանակ է ինչ դանդաղ բարձրանում է. ուստի և այն բոլոր նյութերը, որոնք ծանծաղ ջրերում նստել են ափի երկայնքով, պետք է որ շուտով մերկացվեին և ենթարկվեին ծովի ալիքների քայքայիչ ազդեցությանը. և համեմատաբար ծանծաղ ջրերում է, որ ծովային օրգանական էակները կարող են մեծ չափով զարգանալ, իսկ այդպիսի ջրերում էլ ակներևաբար չի կարող զգալի հաստությամբ շերտի կուտակում առաջանալ։ Ծովափերի ալեբախման մաշող ազդեցության ահռելի ուժը ցույց տալու համար բավական է միայն դիմել Պատագոնիայի այժմյան ափի երկայնքին գտնվող մեծ գահավանդներին և քարափներին կամ հին ստորջրյա ժայռերին, որոնք գտնվում են նույն ծովափի երկայնքի վրա, մեկը մյուսից վերև, տարբեր բարձրություններում։

Կոկիմբոյի հին ներքնագիր երրորդական ֆորմացիան ըստ երևույթին պատկանում է մոտավորապես այն ժամանակաշրջանին, որին պատկանում են և Չիլիի ափին գտնվող մի քանի նստվածքներ (որոնցից ամենագլխավորը Նավեդադում եղածն է) և Պատագոնիայի մեծ ֆորմացիան։ Ե՛վ Նավեդադում, և՛ Պատագոնիայում կան ապացույցներ, որ այնտեղ թաղված խեցիների (որոնց մի մասն ուսումնասիրել է պրոֆ. Է. Ֆորբսը) ապրելու ժամանակաշրջանից հետո տեղի է ունեցել մի քանի հարյուր ոտնաչափի իջեցում, ինչպես և հետագա բարձրացում։ Մեկր կարող է րնա-կանորեն հարցնել, թե ինչպես է լինում, որ թեև ամրոդ9 մայր ցամաքի երկու, կողմերում էլ չեն պահպանվել ոչ այժմյան և ոչ էլ հին երրորդական և արդի ժամանակաշրջանի միջև ընկած պերիոդներից որևէ մեկին պատկանող ընդարձակ բրածոյաբեր նստվածքներ, սակայն այս հին երրորդական էպոխայում բրածո մնացորդներ պարունակող սեդիմենտային նյութերը կուտակված և պահպանված են հյուսիսից հարավ ընկնող գծի տարբեր կետերում՝ 1100 մղոն Խաղաղ օվկիանոսի ափին, ավելի քան 1350 մղոն Ատլանտյան օվկիանոսի ափին և առնվազն 700 մղոն՝ արևելք — արևմուտք ուղղությամբ մայր ցամաքի ամենալայն մասում։ Կարծում եմ, որ այս բացատրությունը դժվար չէ, և նույն բացատրությունը կարելի է կիրառել բոլոր այլ նման փաստերի համար, որոնք նկատվում են աշխարհի զանազան մասերում։ Նկատի ունենալով ծովի ահռելի մաշող, մերկացնող ուժը, որն ապացուցված է բազմաթիվ փաստերով, ապա չի կարելի հավանական համարել, որ սեդիմենտային նստվածքը վեր բարձրանալիս կարողանար այնպես ապահով ազատ մնալ ծովեզերյա մաշումից, որ կարողանար պահպանել այնպիսի մեծ զանգված, որ տևեր մինչև հետագա հեռավոր պերիոդները. այդ կլիներ միայն այն դեպքում, եթե զանգվածն սկզբում բռներ մեծ տարածություն և ունենար զգալի հաստություն. բայց որովհետև բոլորովին հնարավոր չէ, որ բավականին ծանծաղ ջրի հատակին, որը միայն նպաստավոր է կենդանի էակների մեծ մասին ապրելու համար, չգոյանա նստվածքի հաստ և լայնատարած ծածկոց, ուստի այդ կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե հատակն իջնի ներքև, որպեսզի կարողանա ընդունել հաջորդական շերտեր։ Թվում է, թե այս իրապես տեղի է ունեցել միաժամանակ և՛ Պատագոնիայում, և՛ Չիլիում, թեև այս երկու վայրերն իրարից բաժանված են 1000 մղոնով։ Ուստի եթե մոտավորապես միևնույն ժամանակի իջեցումների երկարատև շարժումներն ընդհանրապես մեծ տարածում ունեն, ինչպես ես ուժեղ կերպով հակամետ եմ հավատալու, մեծ օվկիանոսների կորալային ռիֆերի վրա կատարած իմ հետազոտությունների վրա հիմնվելով կամ, եթե (սահմանափակելով մեր տեսակետը Հարավային Ամերիկայով) իջեցման շարժումները եղել են նույնչափ ընդարձակ, որչափ բարձրացման շարժումները, որոնց միջոցով ժամանակակից խեցիների միևնույն պերիոդի ընթացքում բարձրացել են Պերուի, Չիլիի, Հրո Երկրի Պատագոնիայի և Լա Պլատայի ափերը, այդ դեպքում միևնույն ժամանակում իրարից հեռու կետերում մեծ տարածում և նկատելի հաստություն ունեցող բրածոյաբեր նստվածքների առաջացման պայմանները նպաստավոր կլինեին, հետևաբար և այսպիսի նստվածքները կկարողանային դիմադրել իրար հետևող ծովեզերքների մաշումներին և կհասնեին մինչև հետագա մի էպոխա։

Մայիսի 21.— Դոն Խոսե Էդվարդսի ընկերակցությամբ ուղևորվեցի Արկերոսի արծաթի հանքերը և այնտեղից էլ Կոկիմբոյի հովիտը։ Անցնելով մի լեռնոտ շրջանի միջով՝ երեկոյան մութն ընկնելիս հասանք մր. Էդվարդսին պատկանող հանքերը։ Այստեղ ես կատարելապես վայելեցի իմ գիշերային հանգիստը շնորհիվ մի բանի, որ Անգլիայում երբեք լրիվ հաշվի չեն առնում, այն է՝ լվերի բացակայության։ Կոկիմբոյի սենյակներում վխտում են լվերը, իսկ այստեղ, միայն երեք կամ չորս հազար ոտնաչափ բարձրության վրա, նրանք չեն կարող ապրել։ Իհարկե, չի կարելի այս վերագրել ջերմաստիճանի չնչին փոփոխության. պետք է որ գոյություն ունենա մի այլ պատճառ, որը ոչնչացնում է այս անհանգստացնող միջատներին այս բարձրության վրա։ Հանքահորերն այժմ գտնվում են վատ վիճակում, չնայած որ անցյալներում նրանք տարեկան ավել են 2000 ֆունտ (907 կիլո) արծաթ։ Գոյություն ունի այսպիսի մի ասացվածք, թե՝ «պղնձի հանք ունեցողը շահում է, արծաթի հանք ունեցողը կարող է շահել, իսկ ոսկու դեպքում՝ անկասկած կորցնում է»։ Այս ճիշտ չէ. Չիլիի մեծ հարստություններն ստացվել են թանկարժեք մետաղների հանքերից։ Ոչ շատ առաջ մի անգլիացի բժիշկ վերադառնալով Անգլիա՝ իր հետ բերում է մի արծաթի հանքի եկամուտի իր բաժինը՝ մոտ 24000 ֆունտ ստերլինգ։ Կասկած չկա, որ պղնձի հանքի հոգատար շահագործումն անպայման օգուտ կբերի, մինչդեռ մյուսինը բախտախաղ է կամ ավելի շուտ՝ վիճակախաղի տոմս։ Հանքատերերը կորցնում են մեծ քանակությամբ հարուստ հանածոներ, որովհետև ոչ մի զգուշացում կամ հսկողություն չի կարող կասեցնել կողոպուտը։ Ես լսել եմ, թե ինչպես մի պարոն գրազ է գալիս մի ուրիշի հետ, որ իր հանքափորերից մեկը կարող է իր աչքի առաջ իրեն կողոպտել։ Հանքահորից դուրս բերելիս հանածոն ջարդում մանրացնում են, իսկ անպետք քարերը նետում մի կողմ։ Երկու հանքափոր, որոնք աշխատելիս են լինում, միաժամանակ կարծեք թե պատահմամբ նետում են երկու քար և ապա կատակի համար գոռում. «Տեսնենք, թե ումն է ավելի հեռու գլորվում»։ Հանքի տերը, որն այնտեղ կանգնած է լինում, այս բանի առթիվ իր ընկերոջ հետ մի սիգարի վրա գրազ է գալիս, որը տրվելու էր հեռու քցողին։ Հանքափորը դիտում է մնացորդների մեջ այն կետը, որտեղ ընկնում է քարը ե երեկոյան վերցնելով այն՝ տանում է իր տիրոջ մոտ, ցույց է տալիս նրան արծաթով հարուստ զանգվածը՝ ասելով. «Այս այն քարն է, որի հեռու գլորվելուց մի սիգար շահեցիք»։

Մայիսի 23.— Իջանք Կոկիմբոյի արգավանդ հովիտը և հետևելով այդ հովտին՝ հասանք մի հասիենդա կամ ֆերմա, որը պատկանում էր դոն Խոսեի ազգականներից մեկին. հաջորդ օրը մնացինք այնտեղ։ Այնուհետև ես մի օրվա ճանապարհ ես հեռու գնացի՝ քարացած խեցիները և բակլաները տեսնելու, որոնց մասին լսել էի։ Պարզվեց, որ սրանք կվարցի փոքր խճեր են։ Անցանք մի քանի փոքր գյուղերի միջով. հովիտը մշակված էր շատ գեղեցիկ, իսկ ամբողջ տեսարանը ներկայացնում էր մի հոյակապ պատկեր։ Այստեղ մենք գտնվում էինք գլխավոր Կորդիլյերներին մոտիկ, և շրջապատի բլուրները բարձր էին։ Հյուսիսային Չիլիի բոլոր մասերում, Անդերին մոտիկ զգալի բարձրության վրա մրգի ծառերը շատ ավելի բարձր բերք են տալիս, քան ցածրադիր վայրերում։ Այս շրջանում թուզը և խաղողը հայտնի են իրենց բարձր որակով և մշակվում են մեծ տարածություններով։ Քիլոտայից հյուսիս գտնվող հովիտներից ամենապրոդուկտիվը հավանորեն այս հովիտն է։ Կարծում եմ, որ նա ունի 25000 բնակիչ, ներառյալ Կոկիմբոն։ Հաջորդ օրը վերադարձա հասիենդա և այնտեղից դոն Խոսեի հետ՝ Կոկիմբո։

Հունիսի 2.— Ճանապարհ ընկանք դեպի Գոլասկոյի հովիտը՝ հետևելով ծովափնյա ճանապարհին, որը համարվում էր համեմատաբար ոչ այնքան անապատային, որքան մյուսը։ Առաջին օրը հասանք մի մենավոր տուն, որի շրջակայքում մեր ձիերի համար արոտատեղ կար։ Այն անձրևը, որի մասին խոսեցինք, որը եկել էր երկու շաբաթ առաջ, հասել էր Գուասկոյի ճանապարհի կեսը միայն, ուստի մեր ճանապարհորդության առաջին կեսին գետինը ծածկված էր մի շատ թույլ կանաչ երանգով, որը շուտով բոլորովին անհետացավ։ Մինչև անգամ ամենալավ բուսած տեղում այդ կանաչը հազիվ թե այնքան լիներ, որ հիշեցներ մեզ այլ երկրների գարնան փթթող ծաղիկները և մարգերը։ Այս անապատներով ճանապարհորդելիս մարդ զգում է իրեն ինչպես մի բանտարկյալ՝ փակված մի մռայլ պալատում, և տենչում է տեսնել կանաչ դաշտեր ու շնչել նրանց խոնավ օդը։

Հունիսի 3.— Իերբա Բուենայից շարժվեցինք դեպի Կարիսալ։ Օրվա առաջին կեսին անցանք լեռնոտ ապառաժուտ մի անապատ և ապա մի երկար և ավազոտ հարթավայր, որի վրա ցրված էին ջարդոտված ծովախեցիներ։ Շատ քիչ ջուր կար և եղածն էլ՝ քիչ աղի։ Ամբողջ շրջանը, Կորդիլյերներից մինչև ծովափն անմարդաբնակ անապատ է։ Ես նկատեցի միայն մի ապրող կենդանու հետքեր՝ մեծ առատությամբ, այն է՝ Bulimus-ի պատյաններ, որոնք հավաքված էին միասին չափազանց մեծ քանակություններով, այն էլ ամենաչոր կետերում։ Գարնանը մի համեստ փոքր բույս տարածում է իր տերևները, և այս տերևներով սնվում են խխունջները։ Որովհետև նրանք երևում են միայն վաղ առավոտյան, երբ գետինը քիչ խոնավ է լինում ցողից, գուասոները կարծում են, որ սրանք ծնվում են ցողից։ Այլ տեղերում ևս ես նկատել եմ, որ ծայրահեղ չոր և անբերրի շրջանները, սրտեղ գետինը կրային է, արտակարգ կերպով նպաստավոր են ցամաքային խեցիների համար։ Կարիսալում կային գյուղական մի քանի տնակներ, քիչ աղի ջուր և մի փոքր մշակված տարածության, բայց մեծ դժվարությամբ մենք կարողացանք գնել մեր ձիերի համար քիչ վարսակ և հայդ։

Հունիսի 4.— Կարիսալից մինչև Սաուս մենք շարունակեցինք ճանապարհն անապատային հարթավայրերի վրայով, որտեղ ապրում են գուանակոների մեծ երամներ։ Անցանք նաև Չանյերալի հովիտը, որը թեև ամենաարգավանդն է Գուասկոյի և Կոկիմբոյի միջև գտնվածների մեջ, բայց շատ նեղ է և այնքան քիչ արոտատեղ ունի, որ չէինք կարող մեր ձիերի համար արոտատեղ գնել։ Սաուսում հանդիպեցինք մի շատ քաղաքավարի ծերունի ջենտլմենի, որը ղեկավարում էր մի մեծ պղնձահալ հնոց։ Որպես բացառություն նա թույլ տվեց ինձ բարձր գնով գնել մի խուրձ կեղտոտ ծղնոտ, որը միակ կերն էր կազմում ամբողջ երկար օրվա ճանապարհորդությունից հետո հոգնած ձիերի համար։ Գործող հալոցների թիվը Չիլիի որևէ մասում շատ փոքր է. վառելափայտի խիստ սակավության և ռեդուկցելու չիլիական վատ մեթոդների շնորհիվ ավելի շահավետ է հանածոն նավերով տանել Սուենսի (Անգլիա)։ Հաջորդ օրն անցնելով մի քանի լեռներ՝ հասանք Ֆրեյրինա, որը գտնվում է Գուասկոյի հովտում։ Յուրաքանչյուր օր հետզհետե շարժվելով դեպի հյուսիս՝ բուսականությանը հետզհետե սակավանում էր. մինչև անգամ աշտանականման կակտուսին փոխարինում էր մի տարբեր և շատ ավելի փոքր տեսակ։ Ձմեռային ամիսներին և՛ հյուսիսային Չիլիում, և՛ Խաղաղ օվկիանոսի վրա ոչ շատ բարձրից կախվում են ամպերի միաձև կույտեր։ Լեռներից մեր առջև բացվում էր սպիտակ և պայծառ օդային դաշտի մի հետաքրքրական տեսարան, որն իր թևերը պարզում էր հովիտների վրա, առաջացնելով կղզիներ և հրվանդաններ, ճիշտ այնպես, ինչպես ծովն է առաջացնում Չոնոսի արշիպելագում և Հրո Երկրում։ Ֆրեյրինայում մնացինք երկու օր։ Գուասկոյի հովտում չորս փոքր քաղաք կա։ Մուտքի մոտ գտնվում է նավահանգիստը, մի կետ, որը կատարյալ անապատ է, և անմիջական շրջակայքում էլ բոլորովին ջուր չկա։ Հինգ փարսախ վերև գտնվում է Ֆրեյրինան՝ մի երկար և ցրված գյուղ, սպիտակացրած վայելուչ տներով։ Իսկ տասը փարսախ հեռու գտնվում է Բալենարը և նրանից վերև՝ Գուասկո Ալտոն, որը այգեգործական գյուղ է և հայտնի է իր չորացրած մրգերով։ Պարզ օրերին հովտի տեսարանը շատ գեղեցիկ է երևում, այդ ուղիղ բացվածքը վերջանում է հեռվում՝ ձյունապատ Կորդիլյերներով. յուրաքանչյուր կողմից իրար կտրող անսահման գծեր խառնվում են իրար հետ գեղեցիկ մշուշի մեջ։ Տեսարանի առաջամասը եզակի է իր աստիճանաձև ու զուգահեռ տերրասների թվով, և ներառած կանաչ հովտի շերտը, իր ուռենու թփերով, հակապատկեր է ներկայացնում երկու կողմերի մերկ բլուրների հետ համեմատած։ Որ շրջապատում գտնվող տարածությունները վերին աստիճանի չոր էին, այդ մասին կասկած չէր կարող լինեի որովհետև հայտնի էր, որ վերջին տասներեք ամսում անձրև բոլորովին չէր եկել։ Այդ վայրի բնակիչները մեծ նախանձով էին լսում Կոկիմբոյի անձրևի մասին. երկնքի ընդհանուր տեսքից նրանք հույս ունեին, որ միևնույն բախտը կվիճակվեր և իրենց, որ իրոք երկու շաբաթ հետո իրականացավ։ Այդ ժամանակ ես գտնվում էի Կոպիապոյում, և այնտեղ բնակիչները հավասար նախանձով խոսում էին Գուասկոյում տեղացող առատ անձրևի մասին։ Երկու-երեք խիստ չորային տարիներից հետո, որոնց ընթացքում թերևս մի անգամից ավելի անձրև չի տեղում, սովորաբար հաջորդում է մի անձրևոտ տարի, և այս անձրևն ավելի մեծ վնասներ է հասցնում, քան մինչև անգամ երաշտը։ Այս անձրևներից գետերը վարարում են և խճով ու ավազով ծածկում գետնի այն նեղ շերտերը, որոնք հարմար են մշակման համար։ Հեղեղները վնասում են նաև ոռոգման առուները։ Երեք տարի առաջ այսպիսով տեղի էին ունեցել մեծ ավերումներ։

Հունիսի 8.— Շարունակեցինք մեր ճանապարհը մինչև Բալենար։ Այդ վայրն իր անունն ստացել է Իռլանդիայի Բալենարից, որը Օ’Հիդգինս ընտանիքի ծննդավայրն է։ Այս ընտանիքի ներկայացուցիչներն սպանական կառավարության ժամանակ եղել են Չիլիի նախագահները և գեներալները։ Որովհետև յուրաքանչյուր կողմում ժայռոտ լեռները ծածկված էին ամպերով, տերրասանման հարթավայրերը հովտին այնպիսի տեսք էին տվել, ինչպես Սանտա Կրուսում, Պատագոնիայում տեսանք։ Բալենարում մեկ օր անցկացնելուց հետո ամսի 10-ին ես դուրս եկա Կոպիապոյի հովտի վերին մասն ուսումնասիրելու համար։ Ամբողջ օրն անցնում էինք անհետաքրքրական տարածություններով։ Ձանձրացել եմ «չոր» և «անբերրի» բառերի կրկնումից։ Որչափ էլ այս բառերի գործածությունն ընդհանուր լինի, այնուամենայնիվ հարաբերական է. ես միշտ այդ բառերով եմ որակել Պատագոնիայի հարթավայրերը, որոնք սակայն կարող են պարծենալ իրենց փշոտ մացառներով և տեղ-տեղ փունջ-փունջ ցցված կանաչով. իսկ այո հյուսիսային Չիլիի հետ համեմատած՝ բացարձակ բերրիություն կարելի է համարել։ Պետք է ասել նաև, որ այստեղ երկու հարյուր քառակուսի յարդ մակերես ունեցող տարածությունների թիվը մեծ չէ, որտեղ զգուշությամբ դիտողը կհայտնաբերի մացառներ, կակտուս, կամ քարաքոս, իսկ հողում քնած սպասում են սերմի հատիկներ, որոնք պատրաստ են առաջին անձրևին ձմռանը ծլելու համար։ Պերուում կարելի է պատահել մեծ տարածություններ բռնող իսկական անապատների։ Երեկոյան հասանք մի հովիտ, որտեղ առվակի հունը դեռ թաց էր. հետևելով նրա հետքին՝ հասանք բավականին լավ ջրի։ Որովհետև գիշերն առվակն այնպես արագ չէր ծծվում և գոլորշիանում, այդ պատճառով էլ նա մի փարսախ ավելի հեռու է հոսում, քան ցերեկը։ Վառելու համար այստեղ առատ մացառ կար, այնպես որ այստեղ մեզ համար շատ հարմար էր գիշերելու, բայց խեղճ կենդանիների համար մինչև անգամ մի բերան խոտ չկար։

Հունիսի 11.— Շարունակեցինք ճանապարհն առանց կանգ առնելու՝ տասներկու ժամ, մինչև հասանք մի հին մետաղահալ հնոցի, որտեղ կար և՛ ջուր, և՛ վառելափայտ, բայց մեր ձիերը դարձյալ ոչինչ չունեին ուտելու. նրանք փակված էին մի հին բակում։ Ճանապարհն անցնում էր բլուրների վրայով, իսկ հեռվում տեսարանները, շնորհիվ մերկ լեռների տարբեր գույների, առանձին հետաքրքրություն էին առաջացնում։ Մարդ ափսոսում է, երբ տեսնում է, թե ինչպես արևն անընդհատ շողում է այդ աստիճանի անօգուտ, անպետք երկրի վրա. այսպիսի սքանչելի եղանակը պետք է որ պայծառացներ գեղեցիկ պարտեզներ ու դաշտեր։ Հաջորդ օրը հասանք Կոպիապոյի հովիտը։ Ես սրտանց ուրախ էի դրա համար, որովհետև ամբողջ ճանապարհը մշտական թախծի աղբյուր էր. չափազանց անհաճո էր մեր ընթրիքն ուտելիս լսել ձիերի՝ սյուները կրծելու ձայնը, որոնց նրանք կապված էին նրանք իրենց քաղցն ամոքելու ուրիշ ոչ մի միջոց չունեին։ Այնուամենայնիվ ոչ մի կերպ ձիերը չէին արտահայտում հոգնածության կամ թուլության նշաններ, և ոչ ոք չէր հավատա, որ վերջին հիսունհինգ ժամում նրանք ոչինչ չէին կերել։

Ես մի հանձնարարական նամակ ունեի՝ ուղղված մր. Բինգլիին, որը Պոտրերո Սեկոյի հասիենդայում ինձ ընդունեց շատ սիրալիր կերպով։ Այս կալվածքն ունի քսանից երեսուն մղոն երկարություն, բայց շատ նեղ է. լայնությունն ընդհանրապես երկու արտից ավելի չէր լինի, տարածվելով գետի երկու կողմերում։ Որոշ տեղերում կալվածքը զրկված է որևէ լայնությունից, այլ կերպ ասած՝ հնարավոր չի լինում ոռոգել, և գետինն անպետքանում է, ինչպես շրջապատող ժայռոտ անապատը։ Հովտի ամբողջ երկայնքով մշակվող տարածության փոքրությունն այնքան կախված չէ մակերեսի անհավասարությունից, հետևաբար և ոռոգման անհարմարություններից, որքան ջրի սակավությունից։ Այս տարի գետն զգալիորեն մեծ էր. այստեղ՝ հովտի վերևը նա հասնում էր ձիու փորին, լայնությունը տասնհինգ յարդ էր և հոսում էր արագ գնալով ներքև՝ նա հետզհետե փոքրանում է և ընդհանրապես բոլորովին կորչում, ինչպես պատահել է մի անգամ, երբ երեսուն տարի ոչ մի կաթիլ ջուր ծովը չի մտել։ Բնակիչները մեծ հետաքրքրությամբ դիտում են Կորդիլյերների վրա կատարվող փոթորիկները, որովհետև եթե մի անգամ լավ ձյուն գա, կապահովի նրանց ջրով մի ամբողջ տարի։ Այս շատ ավելի մեծ նշանակություն ունի նրանց համար, քան ներքևում տեղացող անձրևը։ Անձրևը, որը տեղում է երկու կամ երեք տարին մեկ անգամ, որչափ շուտ-շուտ տեղա, այնքան մեծ

նշանակություն ունի անասունների համար, որովհետև անասունները և ջորիներն անձրևից հետո որոշ ժամանակ լեռների վրա արոտատեղ են գտնում, բայց եթե Անդերում ձյուն չգա, ամբողջ հովտում տիրապետող դրությունն ամայությունը կլինի։ Արձանագրված է, որ գրեթե բոլոր բնակիչները երեք անգամ ստիպված են եղել գաղթել դեպի հարավ։ Այս տարի ջուրն առատ էր, և յուրաքանչյուր մարդ իր արտը ջրում էր այնքան, ինչքան ինքը ցանկանում էր. բայց սովորաբար հաճախ անհրաժեշտ է եղել ջրարգելակների վրա զինվոր կանգնեցնել, որպեսզի նա հսկի, որ յուրաքանչյուր կալվածք շաբաթվա մեջ իրեն համար նախատեսած չափից ավելի ջուր չստանա։ Ասում են, որ հովիտն ունի 12000 բնակիչ. բայց նրա պրոդուկտները կարող են բավարարել այդ բնակչությանը տարվա մեջ երեք ամիս միայն. սննդանյութի պակասը լրացնում են Վալպարայսոյից և հարավից. նախքան Չանունսիլյոյի հռչակավոր արծաթի հանքերի հայտնագործումը՝ Կոպիապոն գտնվում էր արագ անկման վիճակում, սակայն այժմ նա չափազանց բարգավաճ է, և քաղաքը, որը կատարելապես կործանվել էր երկրաշարժից, նորից վերաշինվել է։

Կոպիապոյի հովիտը, որն անապատի մեջ ներկայացնում է մի կանաչ ժապավեն, անցնում է ուղիղ դեպի հարավ և մինչև Կորդիլյերների ստորոտը, որտեղից սկիզբ է առնում նա, կազմում է զգալի երկարություն։ Գուասկոյի և Կոպիապոյի հովիտները պետք է նկատել որպես երկար, նեղ կղզիներ, որոնք Չիլիի մնացած մասերից բաժանված են աղի ջրի փոխարեն ժայռերի անապատներով։ Սրանցից հյուսիս կա մի այլ չափազանց ողորմելի հովիտ, որը կոչվում է Պապոսո և որն ունի երկու հարյուր բնակիչ, իսկ նրանից այն կողմ սկսվում է Ատակամայի իսկական անապատը — կազմելով մի թումբ, մի անջրպետ, որը շատ ավելի վատ է, քան ամենափոթորկալի օվկիանոսը։ Մի քանի օր Պոտրերո Սեկոյում մնալուց հետո բարձրանալով հովտով՝ հասա դոն Բենիտո Կրուսի տունը, նրան ուղղված հանձնարարական նամակ ունեի։ Նա ինձ ցույց տվեց վերին աստիճանի հյուրընկալ վերաբերմունք. իսկապես, պետք է խոստովանել, որ ընդհանրապես հարավային Ամերիկայի բոլոր մասերում ճանապարհորդը հանդիպում է ամենասիրալիր վերաբերմունքի։ Հաջորդ օրը վարձեցի մի քանի ջորի՝ Խոլկերայի կիրճով կենտրոնական Կորդիլյերները գնալու համար։ Երկրորդ գիշերը կարծեք թե նախազգացվում էր ձյան կամ անձրևի փոթորիկ, և մինչ պառկած էինք մեր անկողիններում, զգացինք երկրաշարժի թեթև ցնցումներ։

Հաճախ վիճում են եղանակի և երկրաշարժի միջև գոյություն ունեցող կապի մասին. թվում է, թե այս շատ հետաքրքրական հարց է, որը քիչ է. պարզաբանված։ Հումբոլտը „Personal Narrative”-ի[177] մի բաժնում նշում է, որ երկար ժամանակ ապրել է Նյու Անդալուզիայում կամ ստորին Պերուում, նա չի կարող ժխտել այս երևույթների միջև գոյություն ունեցող կապը. սակայն մի այլ տեղ նա, ըստ երևույթին, կասի, թե այդ կապը սոսկ երևակայական է։ Գուայակիլում ասում են, որ չոր եղանակին երկրաշարժին անպայման հաջորդում է ուժեղ անձրև։ Որովհետև հյուսիսային Չիլիում անձրև կամ անձրևի նշաններ նկատելը խիստ հազվադեպ է, ուստի պատահական զուգադիպումների հավանականությունը շատ փոքր է, բայց և այնպես բնակիչներն այստեղ հաստատ համոզված են օդի վիճակի և գետնի երերալու միջև գոյություն ունեցող որոշ կապի մասին։

Ինձ շատ էր զարմացրել մի բան. երբ Կոպիապոյում ես մի քանի մարդկանց ասացի, որ Կոկիմբոյում ուժեղ ցնցում էր տեղի ունեցել, նրանք անմիջապես բացագանչեցին. «Ի՜նչպիսի բախտավորություն, այս տարի նրանք առատ արոտատեղ կունենան»։ Նրանց մտքում երկրաշարժը նույնչափ նախապայման է անձրևի, որչափ անձրևը՝ առատ արոտատեղի։ Հիրավի, այնպես պատահեց, որ հենց երկրաշարժի օրն անձրև եկավ, այն անձրևը, որ, ինչպես նկարագրել եմ, տասն օրում առաջացրել էր նոսր կանաչը։ Այլ անգամներ անձրևը տարվա այնպիսի մի ժամանակ է երկրաշարժին հաջորդել, որ շատ ավելի մեծ հրաշք է համարվել, քան երկրաշարժը։

Այս պատահել է 1822 թվի նոյեմբերի և 1820 թվի երկրաշարժներից հետո, որոնք տեղի են ունեցել Վալպարայսոյում, ինտպես և Տակնայի ցնցումից հետո, 1833 թվի սեպտեմբերին։ Մարդ պետք է այս երկրների կլիմային վարժված լինի, որպեսզի ըմբռնի այս սեզոնների ժամանակ անձրև գալու ծայր աստիճան անհավանականությունը. մնում է միայն ենթադրել, որ այդ հանդիսանում է որպես հետևանք մի որևէ օրենքի, որը բոլորովին կապ չունի եղանակի սովորական ընթացքի հետ։ Մեծ հրաբխային ժայթքումների դեպքերում, ինչպես, օրինակ, Կոսեգուինայինը, երբ հորդառատ անձրևներն սկսեցին տեղալ տարվա այնպիսի ամիսներին, որ բոլորովին անսովոր էր այդ վայրի համար և «գրեթե աննախընթաց՝ Կենտրոնական Ամերիկայում», դժվար չէ հասկանալ, որ գոլորշու և մոխրի ամպերը կարող են խանգարել մթնոլորտային հավասարակշռությունը։ Հումբոլտն այս տեսակետը տարածում է նաև այնպիսի երկրաշարժների վրա, որոնք տեղի են ունենում առանց ժայթքման, բայց ես չեմ կարող հավատալ, որ մի փոքր քանակությամբ աերոֆորմ (օդանման) հեղուկ, որը դուրս է փախչում գետնի ճեղքվածքներից, կարող է այդպիսի նշանակալի էֆեկտ առաջացնել։ Ամենից հավանականն առաջին անգամ մր. Պ. Սկրոպի առաջադրած տեսակետն է, այն է՝ երբ բարոմետրը ցածրանում է, և երբ բնականորեն անձրև է սպառվում, մթնոլորտի ճնշման նվազումը բավականին լայն տարածության վրա կարող է ճշգրիտ կերպով որոշել այն օրը, երբ երկիրը,— որն արդեն ստորերկրյա ուժերի ճնշման տակ ծայր աստիճան լարվում է,— ճեղքվում է և հետևաբար դողդողում։ Սակայն դեռ չի պարզվում, թե այս տեսակետը որչափ է բացատրում չոր եղանակներին մի քանի օր տևող տեղատարափի պատճառները, տեղատարափ, որ տեղի է ունենում առանց հրաբուխին երկրաշարժից հետո։ Թվում է թե այս դեպքերը խոսում են մթնոլորտային և ստորերկրյա գոտիների միջև գոյություն ունեցող սերտ կապերի օգտին։

Հովտի այս մասում շատ հետաքրքրական բաներ չգտնելով՝ ետ դարձանք դոն Բենիտոյի տունը, որտեղ ես մնացի երկու օր՝ բրածո ծառեր և խեցիներ հավաքելով։ Ծառերի սիլիկացած գետնատարած մեծ բները, որոնք թաղված էին կոնգլոմերատի մեջ, չափազանց շատ էին։ Ես չափեցի մեկu, որի շրջապատը հասնում էր տասնհինգ ոտնաչափի։ Որչափ զարմանալի է, որ այս մեծ գլանի փայտյա նյութի յուրաքանչյուր ատոմ հեռանալով՝ փոխարինված լինի կայծքարով այնպես կատարյալ, որ պահպանված լինի ամեն մի անոթ կամ ծակոտի։ Այս ծառերը բարգավաճել են մոտավորապես մեր ստորին կավճային պերիոդում. նրանք բոլորն էլ պատկանում էին եղևնու ցեղին։ Հետաքրքրական էր լսել այդ տեղի բնակիչների կարծիքն իմ հավաքած բրածո խեցիների էության մասին։ Նրանք խոսում էին գրեթե նույն այն բառերով, ինչ մեկ դար առաջ՝ Եվրոպայում, այն է՝ արդյոք սրանք այդպես «չե՞ն ծնվել բնության կողմից»։ Իմ երկրաբանական ուսումնասիրություններն այդ շրջաններում մեծ զարմանք էին առաջացրել բնակիչների մեջ. շատ ուշ կարողացան նրանք համոզվել, որ ես հանք չէի որոնում։ Այնքան էլ հեշտ չէր այդ նրանց հասկացնել։ Ամենակարճ ճանապարհով իմ նպատակը բացատրելու համար ես հարցնում էի նրանց, թե ի՛նչպես է, որ իրենք չէին հետաքրքրվում երկրաշարժներով կամ հրաբուխներով — ինչո՞ւ մի շարք աղբյուրներ տաք են, իսկ մյուսները սառն — ինչո՞ւ լեռներն այդքան շատ են Չիլիում, և ոչ մի բլուր չկա Լա Պլատայում։ Այս չոր ու ցամաք հարցերն անմիջապես բավարարում և լռեցնում էին շատերին, բայց կային և այնպիսիները (ինչպես և Անգլիայում մեկ դար առաջ), որոնք կարծում էին, որ բոլոր նման հարցերը և հետաքրքրություններն անօգուտ են և ամբարիշտ, և բավական էր ասել, որ աստված լեռներն այսպես է ստեղծել։

Վերջին ժամանակները հրաման էր տրված բոլոր թափառական և անտեր շներին սպանելու, և մենք տեսնում էինք նրանցից շատերին սպանված, ճանապարհի վրա գցած։ Վերջին ժամանակները բազմաթիվ շներ կատաղել էին և կծել մի քանի մարդու, որոնք հետո մեռել էին։ Մի քանի անգամ հիդրոֆոբիան (կատաղության) գերիշխել է այս հովտում։ Հետաքրքրական է գտնել այսպիսի մի տարօրինակ և սոսկալի հիվանդություն՝ ժամանակ առ ժամանակ միևնույն մեկուսացած վայրում երևալիս։ Նկատված է, որ անգլիական որոշ գյուղեր ավելի հաճախակի են ենթակա այս հիվանդության այցելությանt քան մյուսները։ Դոկտոր Ունանուեն ասում է, որ հիդրոֆոբիան Հարավային Ամերիկայում առաջին անգամ հայտնի է եղել 1803 թվին. այս բանը հաստատել են Ազարան և Ուլլսան, որոնք իրենց օրով այդ հիվանդության մասին ոչինչ լսած չեն լինում։ Դոկտոր Ունանուեն ասում է, որ այդ առաջին անգամ երևացել է Կենտրոնական Ամերիկայում և դանդաղ շարժվել դեպի հարավ։ Արեկիպա է հասել 1807 թվին։ Ասում են, որ այնտեղ մի քանի մարդ վարակվում են առանց շան կծոցի, ինչպես մի քանի նեգրեր, որոնք հիդրոֆոբիայից մեռած եզան միս էին կերել։ Իկայում քառասուներկու մարդ այսպես թշվառ կերպով ոչնչանում են։ Հիվանդությունը երևան էր գալիս կծելուց հետո տասներկուերորդ և ինսուներորդ օրերի միջև, և այդ դեպքում, երբ երևում էր հիվանդությունը, հինգ օրվա ընթացքում անխուսափելիորեն հետևում էր մահը։ 1808-ից հետո հաջորդում է մի ընդմիջում, որի ժամանակ ոչ մի դեպք չի պատահում։ Վանդիմենի երկրում և Ավստրալիայում ես հետաքրքրվեցի այս հիվանդությամբ (հիդրոֆոբիա) և ոչինչ չիմացա, իսկ Բըրչելն ասում է, որ ինքը հինգ տարի ապրելով Բարեհուսո հրվանդանում՝ այդ հիվանդության ոչ մի դեպքի մասին չի լսել։ Ուեբստերը պնդում է, որ Ազորյան կղզիներում հիդրոֆոբիա երբեք չի պատահել. միևնույն հայտարարությունը եղել է նաև Մավրիկիայի և. սուրբ Հեղինե կղզու մասին։[178] Այսպիսի մի տարօրինակ հիվանդության մասին գուցե կարելի է ձեռք բերել որոշ տեղեկություն, եթե նկատի ունենանք այն պայմանները, որոնց շնորհիվ նա սկիզբ է առնում տարբեր կլիմաներում, որովհետև անհավանական է, որ մի շուն, որին արդեն կծել են, կարողանա այդ հիվանդությունը այս հեռավոր երկրները բերել։

Գիշերը մի օտարական եկավ դոն Բենիտոյի տունը և թույլտվություն խնդրեց գիշերն այնտեղ անցկացնելու։ Նա ասում էր, որ ինքը տասնյոթ օր թափառել է լեռներում՝ ճանապարհը կորցրած լինելու պատճառով։ Նա դուրս էր եկել Գուասկոյից և լավ ծանոթ լինելով Կորդիլյերներին՝ երբեք չէր մտածել, որ մինչև Կոպիապո գնալու համար Ճանապարհը որոշելու դժվարությունների կհանդիպի, բայց ճանապարհ ընկնելուց քիչ հետո մոլորվում է լեռնային մի լաբիրինթոսի մեջ, որտեղից չի կարողանում դուրս գալ։ Նրա ջորիներից մի քանիսը գլորվել էին անդունդները, և ինքն այսպիսով ընկել էր մեծ թշվառության մեջ։ Նրա գլխավոր դժվարությունն առաջացել էր այն բանից, որ չէր իմացել, թե որտեղ ջուր գտնի ցածրադիր վայրերում, և նա ստիպված էր եղել կենտրոնական բարձրությունների սահմաններում մնալ։

Վերադառնալով հովտով՝ ամսի 22-ին հասանք Կոպիապո քաղաքը։ Հովտի ստորին մասը լայն է և կազմում է մի գեղեցիկ հարթավայր՝ Քիլոտայի հարթավայրի նման։ Քաղաքը բռնել է բավականին մեծ տարածություն, որովհետև յուրաքանչյուր տուն ունի իր պարտեզը, բայց և այնպես այնքան էլ մխիթարական տեղ չէ. տները կահավորված են աղքատ կերպով։ Ամեն մեկը կարծեք թե մտահոգված է փող աշխատելու ցանկությամբ, որից հետո անմիջապես թողնում հեռանում են այդտեղից։ Բոլոր բնակիչներն էլ ավելի կամ պակաս չափով հետաքրքրվում են հանքերով, և նրանց խոսակցության միակ նյութը կազմում են հանքերը և հանածոները։ Ամեն կարգի անհրաժեշտություն չափազանց թանկ է այստեղ, որովհետև քաղաքից մինչև նավահանգիստ հեռավորությունը տասնութ փարսախ է, իսկ ցամաքային փոխադրությունը շատ թանկ է։ Մի ընտանի թռչունն արժե հինգ-վեց շիլինգ. միսը գրեթե նույնչափ թանկ է, որչափ Անգլիայում։ Վառելափայտը, կամ ավելի ճիշտ է ասել՝ ցախը, բերում են իշով, երկու-երեք օրվա ճանապարհ հեռվից, Կորդիլյերներից. իսկ կենդանիների արոտատեղը օրական արժե մեկ շիլինգ։ Այս բոլորը Հարավային Ամերիկայի համար զարմանալի արտառոց բաներ են։

Հունիսի 26.— Մի ուղեկցող և ութ ջորի վարձեցի, որպեսզի վերջին էքսկուրսիայից բոլորովին տարբեր ճանապարհով տաներ ինձ Կորդիլյեբներըր։ Որովհետև այդ շրջանն ըստ ամենայնի անապատ էր, ուստի մեզ հետ վերցրինք մեգ անհրաժեշտ ուտելեղեն, ինչպես և հարդախառն գարի՝ ջորիների համար։ Քաղաքից մոտ երկու փարսախ վերև մի լայն հովիտ, որը կոչվում է „Despoblado” կամ անմարդաբնակ, ճյուղավորվելով մեր բարձրացած հովտից՝ տարածվում է հեռուները։ Թեև այս մի շատ լայն հովիտ է և տանում է դեպի կտրող մի լեռնանցք, այնուամենայնիվ բոլորովին չոր է, բացառությամբ գուցե խիստ անձրևային ձմեռվա մի քանի օրերի։ Փշրվող լեռների կոդերին չկար և ոչ մի ակոսող հեղեղատ, իսկ գլխավոր հովտի հատակը, լցված մանրախճերով, ողորկ էր և գրեթե բոլորովին հարթ։ Հավանորեն ոչ մի զգալի մեծության հեղեղ չէր հոսել այս մանրախճի շերտի վրայով ներքև. այլապես անկասկած կկազմվեր երկու կողմից բարձրացող գահավանդներով պատած մի մեծ և խոր անցք, ինչպես տեսնում ենք բոլոր հարավային հովիտներում։ Քիչ կասկած կա, որ այս հովիտը, ինչպես և Պերուում մի շարք հովիտներ, որ հիշատակել են ճանապարհորդները, ցամաքն աստիճանաբար բարձրանալու ժամանակ ծովի ալիքները նրանց թողել են այն վիճակում, ինչ վիճակում տեսնում ենք այժմ։

Մի տեղ, որտեղ Դեսպոբադոյին միանում է մի կիրճ (որը որևէ այլ լեռնաշղթայում կարող էր համարվել մեծ հովիտ), ես նկատեցի, որ հատակը, թեև ավազից և խճից կազմված, ավելի բարձր էր, քան իր ճյուղինը. մինչդեռ մի փոքրիկ գետակ կամ հեղեղ մի ժամ հոսելով իր համար կարող էր առու բաց անել։ Պարզ էր, որ դարեր էին եկել գնացել, և այս հովտով չէր անցել և ոչ մի գետակ։ Հետաքրքրական էր տեսնել ոռոգման այդ ամբողջ մեխանիզմը (եթե կարելի է այն մեխանիզմ անվանել). ամեն ինչ, նկատի չունենալով վերջին փոքրիկ բացառությունը, կատարյալ էր. բայց և այնպես չէին երևում գործունեության ամենափոքր նշաններն անգամ։ Ամեն ոք նկատած կլինի, թե ինչպես տեղատվության ժամանակ ափին մնացած ավազի թմբերը ներկայացնում են մինիատյուրային ձևով՝ բլուրներով և հովիտներով մի երկիր, իսկ այստեղ մենք ունենք սկզբնական մոդելն ապառային ձևով, որը կազմվել է ցամաքի բարձրացման հետևանքով օվկիանոսի դարավոր նահանջից, և ոչ թե մակընթացությունից և տեղատվությունից։ Եթե ավազաթմբի վրա անձրև տեղա, երբ թումբը չորացել է, նա կխորացնի արդեն կազմված ակոսները։ Նույն բանն անում է անձրևը դարերի ընթացքում ապառից և հողից կազմված այն թմբի վրա, որին մայր ցամաք ենք ասում։

Երբ մութն ընկավ, մենք դեռ շարունակում էինք մեր ճանապարհը, մինչև հասանք մի երկրորդական ձոր, որտեղ մի փոքր ջրհոր կար. այդ ջրհորը կոչվում էր „Agua amarga”։ Նրա ջուրն արժանի էր այդ կոչումին, որովհետև, բացի աղի լինելուց, նա ծայր աստիճան հոտած էր և դառն, այնպես որ չէինք կարողանում ստիպել մեզ ոչ թեյ խմելու և ոչ էլ մաթե։ Կարծում եմ, որ Կոպիապո գետից մինչև այստեղ հեռավորությունն առնվազն քսանհնգից երեսուն անգլիական մղոն կլինի։ Այդ ամբողջ տարածության վրա չկար և ոչ մի կաթիլ ջուր, այնպես որ շրջանն ըստ ամենայնի արժանի էր անապատ կոչվելու։ Չնայած այդ բոլորին՝ կես ճանապարհին Պունտա Գորդայի մոտ հանդիպեցինք հնդկական մի քանի հին ավերակների։ Ես նկատել եմ նաև Դեսպոբլադոյից ճյուղավորվող մի քանի հովիտների դիմաց, ճանապարհից մի փոքր դուրս, քարերի երկու կույտ, որոնք այնպես էին ուղղված, որ կարծեք թե ուզում էին այս փոքր հովիտնևրի մուտքերը ցույց տալ։ Իմ ընկերները այդ մասին ոչինչ չէին կարող ասել, և իմ հարցերին պատասխանում էին միայն իրենց անխռով „quien sabe?”-ով։

Հնդկական ավերակներ նկատել եմ նաև Կորդիլյերների բազմաթիվ կետերում. ամենալավ պահպանվածը Ruinas de Tambillos-ի ավերակներն էին, որոնք գտնվում էին Ուսսպլատայի լեռնանցքում։ Այնտեղ կարելի էր տեսնել առանձին խմբերով քառակուսի փոքրիկ սենյակների խռնված իրար հետ. դռնանցքերից մի քանիսը դեռ կանգուն էին մնացել։ Այդ դռնանցքերը ներկայացնում էին քարի նեղ սալեր՝ մոտ երեք ոտնաչափ բարձրության։ Ուլլոան արդեն նկատել է, որ հին Պերուի բնակարանների դռները ցածր են եղել։ Այս տները բոլորովին կատարյալ վիճակում պետք է որ զգալի թվով մարդիկ տանեին։ Ավանդությունն ասում է, որ սրանք ինկերի[179] իջևանելու կետեր են եղել, երբ վերջիններս անցնելիս են եղել լեռներով։ Հնդկական բնակավայրերի հետքեր գտնվել են և այլ բազմաթիվ տեղերում, որտեղ, թվում է թե, սոսկ հանգիստ առնելու կայաններ չեն եղել, չնայած որ հողը նույնչափ անպետք է որևէ տեսակի մշակույթի համար, որչափ Տամբիլյոյի կամ Ինկերի Կամուրջի շրջակայքում կամ Պորտիլյոյի լեռնանցքում, որտեղ ամենուրեք ես ավերակներ տեսա։ Խախուելի կիրճում, Ակոնկագուայի մոտ, որտեղ լեռնանցք չկա, ես լսել եմ բավականին բարձր դիրքի վրա գտնվող տների մնացորդների մասին, որտեղ ծայր աստիճան ցուրտ է և անբերրի։ Սկզբում ես այնպես էի կարծում, որ այս շենքերն ապաստարաններ են եղել, որ կառուցել են հնդիկները՝ սպանացիների առաջին անգամ երևալու ժամանակ, բայց հետագայում ես հակամետ եմ եղել ենթադրելու, որ հավանորեն տեղի է ունեցել կլիմայի մի փոքր փոփոխություն։

Ասում են, որ Չիլիի հյուսիսային մասում, Կորդիլյերներում առանձնապես բազմաթիվ են հնդկական հին տները. պեղելով այս ավերակները՝ հաճախ դուրս են գալիս բրդե գործվածքների կտորներ, թանկարժեք մետաղներից գործիքներ և եգիպտացորենի կողրեր. ինձ տվին նետի մի գլուխ՝ ագատից պատրաստած, որն ուներ ճիշտ Հրո Երկրում գործածվող նետերի ձևը։ Ես գիտեմ, որ Պերուի հնդիկներն այժմ հաճախ ապրում են շատ բարձր, ցուրտ և ամայի տեղերում, իսկ Կոպիապոյում մի շարք մարդիկ, որոնք իրենց կյանքն անցկացրել էին Անդերով ճանապարհորդելով, ինձ հավատացնում էին, որ կան բազմաթիվ muchisima-ներ (շենքեր)՝ այնպիսի բարձրության վրա կառուցված, որ համարյա թե գտնվում են հավերժական ձյան սահմանում և այնպիսի մասերում, որտեղ լեռնանցքեր չկան, և որտեղ հողը բացարձակապես ոչինչ չի տալիս, դեռ ավելի զարմանալին — որտեղ ջուր չկա։ Այնուամենայնիվ տեղացիներից ոմանք կարծում են (թեև հանգամանքները շատ են շփոթեցնում նրանց), որ նկատի ունենալով տների տեսքը՝ պետք է որ հնդիկներն այդ տները գործածեին որպես մշտական բնակարաններ։ Պունտա Գորդայի այս հովտում մնացորդները ներկայացնում էին յոթ կամ ութ քառակուսի փոքր սենյակ, որոնք ձևով նման էին Տամբիլյոյում եղածներին, բայց գլխավորապես ցեխից շինված։ Այժմյան բնակիչները ոչ այստեղ և ոչ էլ Պերուում, ըստ Ուլլոայի, չեն կարող ցեխից այնպիսի տներ շինել, որոնք իրենց դիմացկունությամբ մրցեն նրանց հետ։ Նրանք գտնվում էին վերին աստիճանի բացահայտ և անպաշտպան դիրքում, հարթ և լայն հովտի հատակին։ Ամենամոտիկ ջուրը գտնվում էր երեք-չորս փարսախ հեռավորության վրա և այն էլ՝ քիչ քանակությամբ ու վատ. հողը բոլորովին անբերրի էր։ Իզուր էին իմ բոլոր որոնումները՝ մի որևէ բույս գտնելու, մինչև անգամ քարաքոս՝ քարին կպած։ Այս օրերին բեռնատար կենդանիների օգնությամբ անգամ հազիվ թե հնարավոր լինի շահագործել մի հանքահոր, եթե այն շատ հարուստ չէ։ Մինչ հնդիկները հին ժամանակներում այդ վայրն ընտրել են որպես բնակավայր։ Եթե այժմ տարեկան մեկի փոխարեն երեք անգամ անձրև տեղար, այս մեծ հովտում մի քանի տարում հավանորեն կգոյանար մի փոքր առվակ, և ապա ոռոգման միջոցով (որ հնում շատ լավ գիտեին հնդիկները) հողը հեշտությամբ այնքան արդյունավետ կդառնար, որ կապահովեր մի քանի ընտանիքների գոյությունը։ Ես ունեմ համոզեցուցիչ ապացույցներ, որ հարավ-ամերիկյան մայր ցամաքի այս մասում ծովափի մոտերքը ցամաքը գոյություն ունեցող խեցիների էպոխայից այս կողմ բարձրացել է առնվազն 400-ից մինչև 500 ոտնաչափ, իսկ որոշ մասերում՝ 1000-ից մինչև 1300, իսկ ավելի հեռու, ներցամաքային մասերում՝ բարձրացումը հավանորեն եղել է ավելի մեծ։ Որովհետև այս կլիմայի առանձնահատուկ չորային բնույթը հետևանք է Կորդիլյերների բարձրության, ուստի մենք կարող ենք վստահ ասել, որ նախքան վերջին բարձրացումները՝ մթնոլորտը չէր կարող այնպես ամբողջովին զուրկ լինել խոնավությունից, ինչպես այժմ, և որովհետև բարձրացումը եղել է աստիճանաբար, կլիմայական փոփոխություններն էլ պետք է աստիճանաբար կատարված լինեն։ Եթե ընդունենք, որ կլիմայական փոփոխությունները կատարվել են այս շենքերում բնակվելուց հետո, ապա ուրեմն այս ավերակները շատ հին պետք է լինեն, պետք է ասել, որ Չիլիի կլիմայական պայմաններում նրանց պահպանումն այնքան էլ դժվար չէ։ Նույն դատողություններից ելնելով պետք է ընդունենք (և այս գուցե ավելի դժվար լինի), որ մարդը Հարավային Ամերիկայում գոյություն է ունեցել շատ վաղ, քանի որ ցամաքի բարձրացումով՝ կլիմայական փոփոխությունները վերին աստիճանի դանդաղ են լինում։ Վալպարայսոյում վերջին երկու հարյուր քսան տարում բարձրացումը եղել է մոտ տասնինը ոտնաչափ. Լիմայում հնդկական ցեղի գոյության պերիոդում մի ծովափ անկասկած բարձրացել է ութսունից-իննսուն ոտնաչափ, բայց այդպիսի փոքր բարձրացումները շատ քիչ ազդեցություն կարող էր ունենալ խոնավություն բերող մթնոլորտային հոսանքների շեղման գործում։ Անհրաժեշտ է այստեղ հիշել, որ դոկտոր Լունդը բրազիլիական քարանձավներում գտել է մարդկային կմախքներ. այդ բանը նրան այն համոզման է բերել, որ հնդկական ցեղը Հարավային Ամերիկայում գոյություն է ունեցել շատ վաղ ժամանակներից սկսած։

Լիմայում եղած ժամանակ ես այս խնդիրների[180] մասին խոսում էի մր. Ջիլի հետ։ Նա կառուցող ինժեներ էր և բավականին ճանապարհորդել էր երկրի խորքերը։ Նա ինձ ասում էր, որ հաճախ իր մտքով անցնում կլիմայի փոփոխության վերաբերյալ մի ենթադրություն, բայց և այնպես նա ենթադրում էր, որ հնդկական ավերակներով ծածկված ցամաքի մեծ մասը, որն այժմ հնարավոր չէ մշակել, այս վիճակին է ենթարկվել ջրի փողրակների ոչնչացումից, որ հնդիկները հին ժամանակներում կառուցելիս են եղել մեծ չափերով, և ոչնչացումը տեղի է ունեցել ստորերկրյա շարժումներից և անհոգությունից։ Այստեղ կարող եմ հիշատակել այն, որ պերուցիներն իրապես իրենց ոռոգող առուները տանում էին բլուրների և պինդ ապառների տակով, տոնելների միջոցով։ Մր. Ջիլն ասում էր, որ ինքը մի անգամ որպես պարտականություն զբաղված է եղել այս տոնելներից մեկի ուսումնասիրությամբ. նա գտել է, որ տոնելը ցածր է եղել, նեղ, ծուռումուռ և ոչ հավասար լայնությամբ, բայց զգալի երկարությամբ։ Արդյոք զարմանալի չէ՞, որ մարդիկ փորձեն նման ձեռնարկումներ առանց երկաթի կամ վառոդի օգնության։ Մր. Ջիլը, բացի այդ, հիշատակեց նաև մի շատ հետաքրքրական և, ինչքան ինձ հայտնի է, բոլորովին, անզուգական դեպք, այն է՝ ստորերկրյա ցնցումից մի շրջանի ոռոգման սիստեմում առաջացած փոփոխության մասին։ Կասմայից Հուարաս ճանապարհորդելիս (ոչ այնքան հեռու Լիմայից) նա գտնում է մի հարթավայր՝ ծածկված հին քաղաքակրթության ավերակներով և նշաններով, իսկ այժմ՝ բոլորովին չոր։ Այդ հարթավայրի մոտ նա նկատել է զգալի մեծության մի չորացած գետի հունը, որտեղից հին ժամանակ տարել են ոռոգման առուներ։ Ոչ մի նշան չի եղել ջրի ընթացքի վրա, որը ցույց տար, թե մի քանի տարի առաջ այդ գետը չի հոսել այնտեղով. որոշ մասերում ցրված տեսել է ավազի և խճի շերտեր, այլ մասերում պինդ, ապառը մաշվելով կազմել է մի լայն կանալ (ջրանցք), որը մի տեղ ունեցել է քառասուն յարդ լայնություն և ութ ոտնաչափ խորություն։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ մեկը հետևելով գետի հունին՝ միշտ կբարձրանա դեպի վեր, ավելի կամ պակաս թեքությամբ. այս պատճառով էլ մր. Ջիլը շատ է զարմանում, երբ այս երբեմնի գետի հունով վեր բարձրանալիս հանկարծ նկատում է, որ բլրից ներքև է իջնում։ Նա մոտավորապես հաշվում է, որ իջնող լանջի անկումը հասնում է մոտ քառասուն վերտիկալ ոտնաչափի։ Այստեղ մենք ունենք աներկդիմի ապացույցներ, որ հին գետի հունի մեջտեղից բարձրացել է մի բլրագոտի։ Այդ մոմենտից սկսած գետի հունն ստացել է կամարի ձև, և ջուրն անհրաժեշտաբար ետ է քաշվել ու կազմել մի նոր հուն։ Իսկ շրջակա հարթավայրերը կորցնելով ոռոգող առուն՝ պետք է որ անապատներ դառնային։

Հունիսի 27.— Առավոտյան կանուխ ճանապարհ ընկանք և կեսօրին հասանք Պայպոտե կիրճը, որտեղ կա ջրի մի փոքրիկ առու, քիչ բուսականություն և մինչև անգամ ալգարոբայի (algarroba — միմոզայի մի տեսակը) մի քանի ծառեր։ Վառելափայտ գտնվելու շնորհիվ այստեղ անցյալներում կառուցել են մետաղահալ հնոց։ Հնոցին հսկում էր մի մենակյաց անձնավորություն, որի միակ զբաղմունքը կազմում էր գուանակո որսալը։ Գիշերն ուժեղ ցրտեց, բայց առատ վառելափայտ գտնելով՝ ցուրտ բոլորովին չզգացինք։

Հունիսի 28.— Շարունակեցինք վերելքն աստիճանաբար, և հովիտն այժմ վերածվեց կիրճի։ Ցերեկը տեսանք մի քանի գուանակո և նրանց խիստ մոտիկ մի տեսակի, այն է՝ վիկունայի (vicuna) հետքերը։ Այս վերջինս իր սովորություններով գերազանցապես ալպյան կենդանի է. շատ քիչ է նա հավերժական ձյան սահմանից ներքև իջնում, ուստի և ապրում է մինչև անգամ ավելի բարձր և անբերրի տեղերում, քան գուանակոն։ Միակ այլ կենդանին, որ մենք հաճախ տեսնում էինք, մի փոքր աղվես էր։ Կարծում եմ, որ այս վերջինիս գոյությունը կախված է մկներից և այլ մանր կրծող կենդանիներից, որոնք գոյություն ունեն զգալի թվով՝ մինչև անգամ ամենաանապատային տեղերում, որտեղ կա թեկուզ և ամենափոքր քանակությամբ բուսականություն։ Պատագռնիայում, մինչև անգամ սալինաների եզրերին, որտեղ չի կարելի գտնել նույնիսկ մի կաթիլ անուշ ջուր, բացառությամբ ցողի, վխտում են այս փոքրիկ կենդանիները։ Մողեսներից հետո ըստ երևույթին գալիս են մկները, որոնք կարող են իրենց գոյությունը պահպանել երկրի ամենափոքր և ամենաչոր տարածության վրա, մինչև անգամ օվկիանոսի մեջտեղում գտնվող փոքրիկ կղզյակների վրա։

Մեր շրջապատն ամենուրեք ներկայացնում էր անապատային, ամայի տեսարան, և անապատայնությունն ավելի ուժեղ էր արտահայտվում պարզ և շողշողուն, անամպ երկնքի տակ։ Սկզբում այսպիսի տեսարանը շատ վսեմ տպավորություն է թողնում մարդու վրա, բայց այդ զգացմունքը տևական չի կարող լինել և որոշ ժամանակից հետո դառնում է անհետաքրքրական։ Գիշերելու համար կանգ առանք „primera linea” կամ ջրերի բաժանման առաջին գծի ստորոտին բացօթյա մի տեղ։ Առվակներն արևելյան կողմում չեն հոսում Ատլանտյան օվկիանոսը, այլ հոսում են դեպի մի բարձրադիր շրջան, որի կենտրոնում գտնվում է մի մեծ սալինա կամ աղային լիճ, կազմելով մի փոքրիկ Կասպյան լիճ, այն էլ այնպիսի մի բարձրության վրա, որ հավանորեն տասը հազար ոտնաչափից պակաս չի լինի։ Այնտեղ, որտեղ քնել էինք, մի քանի տեղ ձյան կույտեր կային, բայց դրանք ամբողջ տարին չեն մնում։ Այս բարձր գոտիներում քամիները հնազանդվում են շատ կանոնավոր օրենքների. ամեն օր հովտով դեպի վեր է փչում մի թարմ զեփյուռ, իսկ գիշերը, արևը մայր մտնելուց մեկ կամ երկու ժամ հետո, օդը վերևի ցուրտ գոտիներից իջնում է ներքև, կարծես ձագարի միջից հոսելիս լինի։ Այդ գիշեր փչեց ուժեղ քամի, և ջերմաստիճանը պետք է որ սառեցման կետից զգալի ցածր լիներ, որովհետև ամանի միջի ջուրը շուտով մի կտոր սառուց դարձավ։ Ոչ մի շոր կարծեք թե չէր կարող դիմադրել սառնամանիքին։ Ես շատ էի նեղվում ցրտից, այնպես որ չէի կարող քնել, իսկ առավոտյան վեր կացա ամբողջ մարմնով բոլորովին թմրած և անզգա։

Կորդիլյերների հեռավոր հարավում մարդիկ հաճախ իրենց կյանքը կորցնում են ձյունարքից. այդպիսի դեպքեր այստեղ պատահում են բոլորովին այլ պատճառներից։ Իմ ուղեկիցը տասնչորս տարեկան եղած ժամանակ մայիս ամսին մի խումբ մարդկանց հետ անցնելիս է լինում Կորդիլյերներով. կենտրոնական մասը հասնելիս բարձրանում է մի մոլեգնոտ քամի, այնպես որ մարդիկ հազիվ են կարողանում կառչել իրենց ջորիներին, իսկ քարերը գլորվելիս են լինում գետնով։ Չնայած օրը պարզ է լինում և ոչ մի փաթիլ ձյուն չի ընկնում, ջերմաստիճանը ցածր է լինում։ Հավանորեն ջերմաչափը սառեցման կետից այնքան էլ շատ ցած չի լինում, բայց ազդեցությունը նրանց հագուստով վատ պաշտպանված մարմնի վրա սառն օդի հոսանքի արագության համեմատ պետք է մեծ եղած լինի։ Քամին տևում է ավելի քան մեկ օր. մարդիկ սկսում են կորցնել իրենց ուժը, իսկ ջորիներն այլևս չեն ցանկանում առաջ շարժվել։ Իմ ուղեկցի եղբայրը փորձում է վերադառնալ, բայց կորչում է, և նրա մարմինը գտնում են երկու տարի հետո՝ ճանապարհի մոտ ընկած, իր ջորու կողքին, սանձը դեռ ձեռքում պահած։ Խմբի անդամներից երկուսը կորցնում են իրենց ոտների և ձեռքերի մատները և երկու հարյուր ջորուց ու երեսուն կովից կենդանի են մնում միայն տասնչորս ջորի։ Շատ տարիներ առաջ մի մեծ խումբ ամբողջությամբ, ենթադրվում է, որ կորել է այդպիսի մի պատճառից, բայց մինչև այսօր նրանց դիակները չեն գտնվել։ Կարծում եմ, որ անամպ երկնքի, ցածր ջերմաստիճանի և կատաղի քամու միությունն աշխարհի որևէ մասում անսովոր բան է։

Հունիսի 29.— Ուրախությամբ վերադարձանք հովտով ներքև մեր նախորդ գիշերվա օթևանը, իսկ այնտեղից՝ դեպի Ագուա Ամարգայի մոտերքը։ Հուլիսի մեկին հասանք Կոպիապոյի հովիտը։ Թարմ առվույտի հոտը չոր և անբերրի Դեսպոբլադոյի բուրմունքից զուրկ օդից հետո կատարյալ բերկրանք էր առաջացնում։ Քաղաքում եղած ժամանակ բնակիչներից մի քանիսը խոսում էին մոտակայքում գտնվող մի բլրի մասին, որը նրանք անվանում էին „El Bramador” (մռնչող կամ բառաչող)։ Ժամանակին ես հարկ եղած ուշադրությունը չդարձրի այս խնդրի վրա, բայց, որքան ես կարող եմ հասկանալ, այդ բլուրը պետք է ծածկված լին ավազով, և աղմուկն առաջացած պիտի լինի մարդկանց բարձրանալու ժամանակ ավազը շարժման մեջ դնելուց։ Զեետցենը և Էրենբերգը[181] նույնպես մանրամասնորեն նկարագրել են նույն հանգամանքները որպես պատճառներ ձայներ առաջացնելու, որ լսել են բազմաթիվ ճանապարհորդներ Կարմիր ծովի մոտ Սինայի լեռան վրա։ Մի մարդ, սրի հետ ես խոսում էի, անձամբ լսել էր այդ ձայները. նա նկարագրում էր այն որպես վերին աստիճանի զարմանալի բան, և պարզ կերպով նշում, որ թեև ինքը չի կարողացել հասկանալ, թև ինչպես է առաջանում այդ, բայց ձայնն առաջանալու համար անհրաժեշտ է եղել թողնել, որ ավազը գլորվի զառիվայր։ Երբ ձին քայլում է չոր և կոշտ ավազի վրայով, մասնիկների շփումից առաջանում է մի յուրահատուկ ճռռոց, մի հանգամանք, որ մի քանի անգամ ես նկատել եմ Բրազիլիայի ափերին։ Երեք օր հետո ես լսեցի, որ «Բիգլ»-ը ժամանել է պորտ, որը քաղաքից գտնվում է տասնութ փարսախ հեռավորության վրա։ Հովտով իջնելիս շատ քիչ մշակված հողի հանդիպեցինք. այդ ընդարձակ տարածության վրա երևում էր միայն վտիտ թելավոր կանաչ, որ մինչև անգամ էշերը չեն կարող ուտել։ Բուսականության այս աղքատությունը հետևանք է աղային նյութերի մեծ քանակությանդ որով հողը հագեցած է։ Պորտը ներկայացնում է ողորմելի փոքրիկ խրճիթների մի հավաքույթ՝ տեղավորված մի անբերրի հարթավայրի ծայրին։

Առայժմս որովհետև գետն այնքան ջուր ունի, որ հասնում է մինչև ծով, բնակիչներն օգտվում են մեկ և կես մղոնի վրա թարմ ջուր ունենալու առավելությունից։ Ծովեզերքում կային ապրանքների մեծ կույտեր, և այդ փոքրիկ տեղն ակտիվ տեսք ուներ։ Երեկոյան տվի իմ վերջին սրտաբուխ հրաժեշտն իմ ընկեր Մարիանո Գոնսալեսին, որի հետ բազմաթիվ փարսախներ ճանապարհորդել էի Չիլիում։ Հաջորդ առավոտ «Բիգլ»-ը նավարկեց դեպի Իկիկե։

Հուլիսի 12.— Խարիսխ գցեցինք Իկիկեի նավահանգստում, Պերուի ափին, 20°12՛ լայնության վրա։ Քաղաքն ունի մոտ հազար բնակիչ և կառուցված է ավազի մի փոքր հարթավայրի վրա, 2000 ոտնաչափ բարձրություն ունեցող մի մեծ ժայռե պատի ստորոտում, որն այստեղ կազմում է ծովափը։ Ընդհանուր տեսքն այստեղ կատարյալ անապատ է։ Մի քանի տարին մի անգամ տեղում է թեթև անձրև, ուստի և հեղեղատները լցված են քայքայված բեկորներով, իսկ լեռների լանջերը ծածկված են մանր սպիտակ ավազի կույտերով մինչև անգամ հազար ոտնաչափ բարձրության վրա։ Տարվա այս եղանակին օվկիանոսի վրա տարածված ամպերի ծանր կույտը ափի ապառաժուտ պատից շատ քիչ է բարձրանում։ Այդ վայրի տեսքը չափազանց մռայլ էր. փոքրիկ նավահանգիստն իր մի քանի նավերով և ողորմելի տների փոքր խմբերով կարծեք թե ընկճվում էր իր շրջապատող ժայռերից և ամբողջովին անհամապատասխան է տեսարանի մնացած մասերի հետ։

Բնակիչներն ապրում են այնպես, ինչպես նավի վրա եղողները. բոլոր կենսական անհրաժեշտ բաները ուրիշ տեղից են բերում. ջուրը նավակներով բերում են Պիսագուայից, որը գտնվում է քառասուն մղոն հյուսիսում, և տասնութ գալոնանոց (մեկ գալոնը մոտ 4 կիլոգրամ ջուր է) տակառն արժե իննը ռեալ (մոտ 1 ռ. 50 կ.)։ Մեկ գինու շիշ ջրի համար վճարեցի երեք պենս։ Միևնույն ձևով ներմուծվում է վառելափայտ և, իհարկե, ամեն տեսակի սննդանյութ։ Այսպիսի մի վայրում շատ քիչ կենդանիներ կարելի է պահել։ Հաջորդ առավոտը մեծ դժվարությամբ կարողացա վարձել երկու ջորի և մի մարդ, վճարելով չորս ֆունտ ստերլինգի ինձ նատրիում նիտրատի հանքերը տանելու համար։ Ներկայումս այս հանքերը կազմում են Իկիկեի ամբողջ հարստությունը։ Առաջին անգամ այս աղն արտահանվել է 1830 թվին։ Մի տարում Անգլիա և Ֆրանսիա է արտահանվել հարյուր հագար ֆունտ ստերլինգի արժողությամբ նիտրատ։ Նա գլխավորապես գործածվում է որպես պարարտանյութ և ազոտաթթու պատրաստելու հումույթ. շնորհիվ իր խոնավալույծ հատկության նա վառողի համար հարմար չէ։ Առաջ այս շրջանում երկու վերին աստիճանի հարուստ արծաթի հանք է եղել, բայց այժմ նրանց հասույթը շատ փոքր է։

Մեր երևալը նավահանգստում որոշ հուզումներ էր առաջացրել։ Պերուն գտնվում էր անարխիկ վիճակում և ամեն մի պարտիա պահանջում էր իր կոնտրիբուցիան։ Դժբախտ Իկիկե քաղաքը փորձանքի մեջ էր ընկել, մտածելով, որ օրհասական ժամը եկել է։ Բնակիչներն ունեին նաև ընտանեկան նեղություններ, այդ հուզումներից կարճ ժամանակ առաջ երեք ֆրանսիացի հյուսն միևնույն գիշերը ջարդել էին երկու եկեղեցու դռները և գողացել բոլոր թանկարժեք իրերը. կողոպտիչներից մեկը հետագայում խոստովանվում է, և իրերը հայտնաբերվում են։ Ոճրագործներին ուղարկում են Արեկիպա, որը թեև այս շրջանի կենտրոնն է, բայց գտնվում է երկու հարյուր փարսախ հեռավորության վրա։ Կառավարությունն ափսոսացել էր այսպիսի օգտակար մարդկանց պատժել, որոնք կարող էին ամեն տեսակի կահ-կարասիք պատրաստել, և հետևաբար ազատ էր արձակել նրանց։ Այդ մեղմ վերաբերմունքն այն հետևանքն էր ունեցել, որ եկեղեցիները նորից էին կոտրել, բացել, և այս անգամ տարածը ետ չէր դարձել։ Բնակիչները սոսկալի կատաղել էին և բղավում էին, որ միայն հերետիկոսները կարող են այսպես «ուտել ամենակարող աստծուն», և վազում էին մի քանի անգլիացիների վրա՝ նրանց խոշտանգելու և ապա սպանելու նպատակով։ Պետական մարմինների միջամտությունը հազիվ է կարողանում փրկել այս մարդկանց կյանքը և վերականգնել խաղաղությունը։

Հուլիսի 13.— Առավոտյան ուղևորվեցի սալպետրի հանքերը, որոնք գտնվում էին տասնևչորս փարսախ հեռավորության վրա։ Բարձրանալով ափին գտնվող դիք լեռներն ավազուտ մի զիգզագ ճանապարհով, շուտով եկանք Գուանտախայայի և Սանտա Ռոսայի հանքերի դիմացը։ Այս երկու փոքրիկ գյուղերը տեղավորված են հանքերի անմիջական ծայրերին և, թառած լինելով բլուրների վրա, ավելի անբնական և ամայի տեսք ունեինք քան Իկեկե քաղաքը։ Սալպետրի հանքերը հասանք հազիվ արևի մայր մտնելուց հետո, ամբողջ օրն անցնելով ալիքավոր և կատարյալ անապատային շրջաններով։ Ճանապարհի վրա ամեն կողմ ցրված էին բազմաթիվ բեռնատար անասունների ոսկրներն ու մորթիները, որոնք ոչնչացել էին ծանր բեռից և հոգնածությունից։ Բացառությամր Vultur aura-ի (անգղ), որը սնվում է այս դիակներով, ոչ մի այլ թռչուն, չորքոտանի, սողուն կամ միջատ չի երևում։ Ափին գտնվող լեռներում, մոտ երկու հազար ոտնաչափ բարձրության վրա, որտեղ տարվա այս եղանակին սովորաբար ամպեր են կախվում, ժայռերի ճեղքերից աճում էին հատ ու կենտ կակտուսներ, իսկ թույլ ավազը ցրված էր ամեն կողմ, քարաքոսով ծածկված, որը գտնվում է մակերեսին՝ բոլորովին անջատ։ Այս բույսը պատկանում է Cladonia սեռին և որոշ կողմերով նման է եղջերուի քարաքոսին։ Որոշ մասերում նա բավականին առատ էր, և ավազի գույնը, երբ դիտում էինք հեռվից, բաց-դեղինի էր փոխում։ Ավելի ներս, տասնչորս փարսախ ճանապարհորդելիս, ես տեսա միայն մի բուսական պրոդուկցիա, և այդ վերին աստիճանի փոքր դեղին քարաքոս էր, որն աճում էր սատկած ջորիների ոսկրների վրա։ Այս առաջին իսկական անապատն էր, որ ես տեսնում էի. այնքան էլ մեծ տպավորություն չէր թողնում այն ինձ վրա, բայց ես կարծում եմ, որ այդ շնորհիվ այն բանի էր, որ ես արդեն աստիճանաբար վարժվել էի այդպիսի տեսարանների, ճանապարհորդած լինելով Վալպարայսոյից հյուսիս՝ Կոկիմբոյով և Կոպիապոյով։ Այդ շրջանի տեսքն առանձնապես ուշագրավ էր նրանով, որ գետինը ծածկված էր հասարակ աղի հաստ կեղևով և աղաբեր շերտավոր ալուվիումով, որը թվում էր թե նստած պետք է լինի ցամաքը ծովի տակից աստիճանաբար դուրս գալու ժամանակ։ Աղն սպիտակ է, չափազանց կարծր և հոծ։ Նա լինում է ջրից մաշված կոշտերի մեջ, որոնք ցցված են լինում իրար կպած ավազի միջից մեծ քանակությամբ գիպսի հետ միասին։ Այս մակերեսային զանգվածի տեսքը շատ նման էր դաշտերի տեսքին՝ վերջին աղտոտ ձյան ծվենները հալչելուց առաջ։ Այսպիսի մի լուծվող նյութի կեղևի գոյությունն ամբողջ շրջանի մակերեսին ցույց է տալիս, թե որչափ արտակարգ կերպով չոր պետք է եղած լինի կլիման երկար պերիոդի ընթացքում։

Գիշերը ես քնեցի սալպետրի հանքատերերից մեկի տանը։ Այստեղ երկիրն այնքան անպտուղ է, որքան ծովափի մոտերքը, բայց ջուր կարելի է գտնել հորեր փորելով, թեև այդ ջուրն ունի դառն և աղի համ։ Այս տան ջրհորն ուներ երեսունվեց յարդ խորություն. որովհետև անձրև շատ հազվադեպ է գալիս, հասկանալի է, որ ջուրն այս միջոցով չի գոյանում, իսկապես, եթե այդ այդպես լիներ, ջուրը բոլորովին աղի կլիներ և խմելն անհնարին, որովհետև ամբողջ շրջապատի տարածությունը ծածկված է զանազան աղային նյութերով։ Ուստի պետք է եզրակացնել, որ ջուրը ծծվում է Կորդիլյերներից գետնի տակով, չնայած որ այդ հեռավորությունը հասնում է մի քանի տասնյակ փարսախների։ Այդ ուղղության վրա կան մի քանի փոքր գյուղեր, որտեղ բնակիչներն ունենալով համեմատաբար առատ ջուր՝ կարողանում են ոռոգել փոքր տարածություններ և խոտ ցանել, որով կերակրում են սալպետը փոխադրելու համար պահվող ջորիներին և էշերին։ Նատրիում նիտրատը նավի կողքին ծախվում էր հարյուր ֆունտը տասնևչորս շիլինգ. նրա գլխավոր ծախսը ծովափ փոխադրելն է։ Հանքը ներկայացնում է մի պինդ շերտ, երկուսից-երեք ոտնաչափ հաստությամբ. նրա հետ խառն կա նաև քիչ քանակությամբ նատրիում սուլֆատ և բավականին հասարակ աղ։ Նա գտնվում է հենց մակերեսի տակ և մեծ ավազանի կամ հարթավայրի եզերքներով ձգվում է հարյուր հիսուն մղոն երկարությամբ։ Ուրվագծից ելնելով պետք է որ այս հարթավայրը մի ժամանակ լիճ եղած լինի, կամ ավելի հավանական է՝ ծովի մի թևը առաջացած ցամաքի մեջ, ինչպես կարելի է հետևցնել աղային շերտում յոդի աղեր գտնվելու փաստից։ Հարթավայրի մակերեսը Խաղաղ օվկիանոսի մակերևույթից 3300 ոտնաչափ բարձր է։

Հուլիսի 19.— Խարիսխ գցեցինք Կալաոյի ծոցում։ Այս քաղաքը Պերուի մայրաքաղաք Լիմայի նավահանգիստն է։ Այստեղ մնացինք վեց շաբաթ, բայց երկրի խառնակ լինելու պատճառով շատ քիչ բան կարողացա տեսնել։ Մեր ամբողջ այցելության ընթացքում կլիման այստեղ այնքան գեղեցիկ չէր, ինչպես սովորաբար ներկայացնում են։ Երկրի վրա շարունակ կախված էին լինում ամպերի մռայլ կույտեր, այնպես որ առաջին տասնվեց օրվա ընթացքում ես մի անգամ կարողացա Կորդիլյերները տեսնել Լիմայի հետևում։ Այս լեռները, որոնք երևում են մեկը մյուսին աստիճանաձև, ամպերի ճեղքերի միջից ցույց էին տալիս իրենց վեհ կերպարանքը։ Համարյա թե առակ է դարձել այս խոսքը, թե Պերուի ստորին մասում երբեք անձրև չի գալիս, բայց հազիվ թե այս ճիշտ լինի, որովհետև մեր այցելության գրեթե յուրաքանչյուր օր գոյություն ուներ թանձր, մանր անձրևող մառախուղ, որը բավական էր, որ փողոցները ցեխոտեր և մարդկանց շորերը խոնավացներ։ Այսպիսի անձրևը պերուցիները սիրում են անվանել պերուի ցող։ Որ շատ անձրև չի գալիս — ալդ ճիշտ է, որովհետև տները ծածկված են ցեխից պատրաստած հարթ տանիքներով, իսկ նավահանգստում ամեն շաբաթ առանց որևէ ծածկոցի կուտակված էին լինում ցորենի շեղջեր։

Ես չեմ կարող ասել, որ Պերուում իմ տեսած մի քանի, բաներն ինձ դուր էին գալիս, բայց ասում են, որ ամառն այնտեղի կլիման շատ ավելի հաճելի է։ Տարվա բոլոր եղանակներին և՛ տեղացիները, և՛ օտարականները տառապում են ուժեղ տենդից։ Այս հիվանդությունը տարածված է Պերուի ամբողջ ափի վրա, բայց երկրի ներսում բնակչությանն այդ անհայտ է։ Հիվանդությունը, որն առաջանում է միազմից, միշտ երևան է գալիս շատ խորհրդավոր ձևով։ Դժվար է այն վերագրել երկրի արտաքին տեսքին. այնքան դժվար է երկրի արտաքին տեսքից ելնելով դատել առողջարար կամ վատառողջ լինելու մասին, որ եթե մեկին հարցնեն, թե ո՞րն է ամենաառողջարար վայրն արևադարձային բոլոր երկրների մեջ, նա ամենայն հավանականությամբ կասի, թե՝ այս ափը։ Կալաոյի շրջակայքում հարթավայրը շատ նոսր ծածկված է կոշտ կանաչով, իսկ որոշ մասերում տեղ-տեղ երևում են կանգնած ջրի շատ փոքր լճեր։ Ամենայն հավանականությամբ միազմն առաջանա.մ է սրանցից. որովհետև նույն վիճակն ուներ և Արիկա քաղաքը, և այդ փոքրիկ լճերի ցամաքեցումից բնակչության առողջապահական դրությունը բավականին փոխվեց դեպի լավը։ Միազմը միշտ չի առաջանում տաք կլիմայից և փարթամ բուսականությունից, որովհետև Բրազիլիայի շատ մասեր, մինչև անգամ այնտեղ, որտեղ կան ճահիճներ և շքեղ բուսականություն, շատ ավելի առողջարար են, քան Պերուի այս չոր և անբերրի ափը։ Բարեխառն գոտու ամենախիտ անտառները, ինչպես տեսնում ենք Չիլոեում, թվում է թե ամենափոքր չափով չեն ազդում մթնոլորտի առողջարար հատկությունների վրա։

Կանաչ Հրվանդանի Սանտ Յագո կղզին այս տեսակետից կարող է լինել մի այլ հետաքրքրական օրինակ. որևէ մեկը կկարծեր, որ նա շատ առողջարար կլիմա ունի, մինչդեռ բոլորովին հակառակն է։ Առաջին գլխում ես նկարագրել եմ նրա մերկ և բաց դաշտերը, որոնք անձրևային եղանակից հետո մի քանի շաբաթ ծածկվում են շատ նոսր բուսականությամբ, որն անմիջապես խորշոմում և չորանում է։ Այս շրջանում օդն ըստ երևույթին ամբողջովին թունավոր է դառնում, և բնակիչները, ինչպես և օտարականները, հաճախ բռնվում են ուժեղ տենդով։ Մյուս կողմից՝ խաղաղ օվկիանոսի Գալապագոսի արշիպելագը, որն ունի նույն հողը և պարբերաբար ենթակա է բուսական միևնույն պրոցեսին, միանգամայն առողջարար է։ Հումբոլտը նկատել է, որ «այրեցյալ գոտում ամենափոքր ճահիճներն ամենավտանգավորներն են, որովհետև շրջապատող չոր և ավազային հողը, ինչպես Վերա Կրուսում և Կարթագենում, բարձրացնում է շրջապատող օդի ջերմաստիճանը»։[182] Պետք է ասել, որ Պերուի ափին ջերմաստիճանը չի բարձրանում արտակարգ աստիճանի, հետևաբար և, գուցե այս է պատճառը, որ ընդմիջվող ջերմերն ամենավատ տեսակներից չեն։ Բոլոր վատառողջ երկրներում ամենամեծ վտանգը ծովափին քնելուց է լինում։ Արդյոք այս հետևանք է քնելու ժամանակ մարմնի վիճակի փոփոխությա՞ն, թե այսպիսի ժամանակներում միազմի չափազանց շատության։ Այնպես է երևում, որ նքանք, ովքեր գտնվում են նավում, թեկուզ այդ նավն ափից շատ քիչ հեռու լինի, սովորաբար ավելի քիչ են տառապում, քան ափին եղողները։ Մյուս կողմից՝ ես լսել եմ մի հետաքրքրական դեպքի մասին։ Աֆրիկայի ափերից մի քանի հարյուր մղոն հեռու գտնվող մի ռազմանավի ամբողջ անձնակազմը բռնվում է տենդով, և այղ նույն ժամանակում ահռելի մահվան պերիոդներից[183] մեկն սկսվել է Սիերա Լեոնում։ Հարավային Ամերիկայում անկախություն հայտարարելուց մինչև այժմ ոչ մի պետություն այնքան չի տառապել անարխիզմից, որքան Պերուն։ Մեր այցելության ժամանակ կային չորս զինված առաջնորդներ, որոնք մաքառում էին իրար դեմ՝ կառավարության մեջ գերիշխանություն ձեռք բերելու համար։ Եթե մեկին հաջողվում էր մի ժամանակ շատ ուժեղ և ազդեցիկ դառնալ, մյուսները միանում էին նրա դեմ, բայց հենց որ նրանք հաղթական էին դուրս գալիս, այս անդամ իրար դեմ էին զինվում։ Հաջորդ օրը, անկախության տարեդարձին, տեղի ունեցավ հանդիսավոր պատարագ. նախագահն ևս մասնակցեց հաղորդությանը։ Te Deum laudamus-ի (ընդհանուր մաղթանք) ժամանակ յուրաքանչյուր գունդ Պերուի դրոշակը պարզելու փոխարեն բացում է մի սև դրոշակ՝ մահի գանգը վրան։ Պատկերացրեք մի կառավարություն, որի տիրապետության տակ կարելի էր ներկայացնել նման սցենա և այն էլ նման պարագաներում, որպես արտահայտություն մինչև վերջին շունչը կռվելու նրանց մտադրության։ Այս բոլորը կատարվում էր այնպիսի մի ժամանակ, որն ինձ համար շատ վատ էր. ես փակված էի քաղաքում և նրա սահմաններից շատ հեռու գնալ չէի կարող։ Գրեթե միակ տեղը, ուր մեկն ապահով կարող էր այցելել, այդ չոր ու ցամաք Սան Լորենցո կղզին էր, որը կազմում է նավահանգիստը։ Վերին մասը, որն ունի 1000 ոտնաչափ բարձրություն, տարվա այս եղանակին, (ձմեռ) հասնում է ամպերի ներքին սահմանին. շնորհիվ այս բանի՝ այդ բարձունքի գագաթը ծածկվում է առատ կրիպտոգամային բուսականությամբ և մի քանի ծաղիկներով։ Բլուրների վրա, Լիմայի մոտ, քիչ ավելի բարձր տեղերում գետինը ծածկված է մամուռի գորգով և գեղեցիկ դեղին շուշանների մարգերով, որոնք կոչվում են Amancaes։ Այս ցույց է տալիս, որ այստեղ խոնավության աստիճանը շատ ավելի բարձր է, քան Իկիկեի համապատասխան բարձրություններում։ Շարժվելով Լիմայից հյուսիս՝ կլիման հետզհետե խոնավանում է, մինչև որ Գուայակիլի ափերին, որը գտնվում է մոտավորապես հասարակածի վրտ, հանդիպում ենք ամենափարթամ անտառների։ Սակայն այս փոփոխությունը Պերուի չոր ափերից սկսած մինչև արգավանդ տարածությունները տեղի է ունենում ոչ աստիճանաբար, այդ կատարվում է գրեթե միանգամից — Կապա Բլանկայի լայնությունից, Գուայակիլից երկու աստիճան հարավ։

Կալաոն մի կեղտոտ, վատ կառուցված փոքրիկ նավահանգիստ է։ Բնակիչներն այստեղ, ինչպես և Լիմայում, ներկայացնում են երևակայելի բոլոր երանգների խառնուրդ — եվրոպական, նեգրական և հնդկական արյունից։ Սրանք այլասերված, հարբած ժողովուրդ են երևում։ Մթնոլորտը լցված է զզվելի հոտերով, և այն առանձնահատուկ հոտը, որն զգացվում է տրոպիկական գրեթե ամեն մի քաղաքում, այստեղ շատ ուժեղ էր։ Բերդը, որը դիմադրել էր լորդ Կոչրեյնի երկար պաշարման, պատկառելի տեսք ունի։ Բայց նախագահը, մեր այնտեղ եղած ժամանակ, ծախեց արույրե թնդանոթները և ձեռնարկեց նրա որոշ մասերը քանդելու, մերկացնելու՝ նպատակ ունենալով այն անօգտագործելի դարձնել։ Նա պատճառաբանում էր, որ ոչ մի վստահելի սպա չկա, որին կարելի լինի հանձնել այդպիսի կարևոր կետի պատասխանատվությունը։ Նա շատ պատճառներ ուներ այդպես մտածելու, նա նախագահությունը ձեռք էր բերել ապստամբելով, երբ եղել էր նույն բերդի հրամանատարը։ Հարավային Ամերիկայից դուրս գալուց հետո նա կրեց իր լրիվ պատիժը միևնույն ձևով — պարտվելով գերի բռնվեց և գնդակահարվեց։

Լիման գտնվում է մի հարթավայրի վրա, հովտի մեջ, որը կազմվել է ծովի աստիճանական նահանջի ժամանակ։ Նա գտնվում է Կալաոյից յոթը մղոն հեռավորության վրա և նրանից 500 ոտնաչափ բարձր. բայց որովհետև թեքությունը բարձրանում է աստիճանաբար, այդ պատճառով էլ ճանապարհը բոլորովին հարթ է երևում, այնպես որ Լիմա հասնելիս մարդ դժվարանում է հավատալ, որ ինքը նույնիսկ հարյուր ոտնաչափ բարձրացել է։ Հումբոլտն արտահայտվել է այս եզակի խաբուսիկ դրության մասին։ Թեք և չոր բլուրները կղզիների նման բարձրանում են հարթավայրից, որն ուղիղ ու կավաշեն պատերով բաժանվում է մեծ կանաչ դաշտերի։ Այս դաշտերում, բացառությամբ հատուկենտ ուռենիների, ուրիշ ոչ մի ծառ գրեթե չի աճում. երբեմն էլ կարելի է հանդիպել բանանի և նարնջի պուրակի։ Լիմա քաղաքն այժմ գտնվում է քայքայման ողորմելի վիճակում։ Փողոցները գրեթե անսալահատակ են, և ամեն կողմ կարելի է տեսնել աղբակույտեր, որոնց վրա սև գալինասոները (ամերիկյան անգղ), հավերի չափ ընտելացած, աղբի միջից հավաքում են նեխվող բաները։ Տները սովորաբար ունենում են և երկրորդ հարկ, որը երկրաշարժի պատճառով շինում են փայտից և ծեփում, բայց հին աներից մի քանիսը, որոնց մեջ այժմ ապրում են մի քանի ընտանիք, չափազանց մեծ են և իրենց հարմարություններով կարող են մրցել որևէ տեղի ամենաշքեղ բնակարանների հետ։ Լիման, թագավորների քաղաքը, պետք է որ հնում մի հոյակապ քաղաք եղած լինի։ Մինչև անգամ ներկայումս նրա եկեղեցիների չտեսնված մեծ թիվը նրան տալիս է յուրահատուկ և տպավորիչ տեսք, մանավանդ երբ մեկը դիտում է մոտիկից։

Մի օր մի քանի վաճառականների հետ գնացի քաղաքի շրջակայքը որսի։ Մեր որսը շատ աղքատ էր, բայց այդ առիթ եղավ ինձ տեսնելու հին հնդկական գյուղերից մեկի ավերակները՝ հողաթմբի հետ միասին. այդ նման էր կենտրոնում ցցված մի բնական բլրի։ Տների, պատնեշների, ոռոգող առուների և գերեզմանաթմբերի մնացորդները, որոնք ցրված էին այս հարթավայրի վրա, հին ժամանակներում այդ գյուղերի բնակչության մեծ թվի և նրանց բարձր կուլտուրայի աներկբայելի ապացույցներն են։ Երբ մեկը տեսնում է նրանց կավե ամանեղենները, բրդյա շորերը, ամենակարծր քարից փորված նրբագեղ անոթները, պղնձե գործիքները, թանկարժեք քարերից պատրաստած զարդերը, պալատները և ջրաբաշխական աշխատանքները, նա չի կարող չհարգել այն մեծ առաջադիմությու.նը, որ նրանք կատարել են քաղաքակրթության մեջ։ Գերեզմանաթմբերը, որոնց հուակաս են ասում, ապշեցուցիչ բաներ են. թեև նրանք որոշ տեղերում կարծեք թե բնական բլուրներ են՝ ծածկված ու կաղապարված։

Այստեղ կան նաև մի այլ, բոլորովին տարբեր տիպի ավերակներ, որոնք որոշ հետաքրքրություն ունեն. դրանք հին Կալաոյի ավերակներն են, որոնք առաջացել են 1746 թվի երկրաշարժից և նրան հաջորդող ալիքից։ Կործանումը պետք է ավելի լրիվ եղած լինի, քան Տալկահուանոյինը։ Բազմաթիվ մանր խճերը գրեթե ծածկել էին պատերի հիմքերը, և աղյուսակերտ մեծ զանգվածները, խճերի նման, կարծեք թե պտույտ էին գործել նահանջող ալիքներից։ Ասում են, որ ցամաքն այս հիշատակելի ցնցման ժամանակ իջել է. ես ոչ մի ապացույց չկարողացա հայտնաբերել, բայց այդ այնքան էլ անհավանական չէ, որովհետև ափն անպայման, հին քաղաքի հիմնադրումից այս կողմ, պետք է որ որոշ փոփոխության ենթարկված լինի. այլապես ոչ ոք հոժարակամ իր բնակարանի համար չէր ընտրի խճերի այդ նեղ շերտը, որի վրա այժմ գտնվում են ավերակները։ Մեր ճանապարհորդությունից այս կողմ մր. Չուդին հին և նոր քարտեզների համեմատությունից այն եզրակացության է եկել, որ Լիմայի ե՛ հյուսիսում, և՛ հարավում ծովափն անպայման իջել է։

Սան Լորենցո կղզու վրա կան բավարար ապացույցներ վերջին ժամանակներում ցամաքը բարձրանալու վերաբերյալ, իհարկե այս չի հակասում այն կարծիքին, որ հետագայում տեղի է ունեցել ցամաքի մի փոքր իջեցում։ Կալաո նայող կղզու այս մասը մաշվելով՝ վերածվել է երեք աննշմարելի տերրասների, որոնցից ստորինը ծածկված է մի մղոն երկարությամբ շերտով, որը գրեթե ամբողջովին կազմված է տասնութ տեսակի խեցիներից, որոնք այժմ ապրում են մոտակա ծովում։ Այս շերտի բարձրությունն ութսունհինգ ոտնաչափ է։ Խեցիներից շատերը գտնվում են բավականին մաշված վիճակում և ավելի հին ու քայքայված տեսք ունեն, քան Չիլիի ափին 300 կամ 600 ոտնաչափ բարձրության վրա գտնվածները։ Այս խեցիների հետ գտնվում է բավականին մեծ քանակությամբ սովորական աղ, կալցիում սուլֆատ (հավանորեն երկուսն էլ մնացել են ծովի փրփուրի գոլորշիացումից, երբ ցամաքն աստիճանաբար բարձրացել է), ինչպես և նատրիում սուլֆատ և կալցիում քլորիդ։ Սրանք գտնվում են ավազաքարերի բեկորների վրա և ծածկված են մի քանի մատնաչափ հաստությամբ երկրաբանական մնացորդներով։ Վերև, այս տերրասի վրա խեցիները կեղևվում էին թփի նման ու վերածվում անշոշափելի փոշու, իսկ ավելի վերև գտնվող տերրասում, 170 ոտնաչափ բարձրության վրա, ինչպես և զգալի բարձր մի քանի կետերում ես գտա աղային փոշու մի շերտ, որն ուներ ճիշտ միևնույն տեսքը և ընկած էր միևնույն հարաբերական դիրքում։ Կասկած չկա, որ այս վերին շերտն սկզբում գոյություն է ունեցել որպես խեցիների խավ, ինչպես ութսունհինգ ոտնաչափ բարձրության տերրասի վրայինը, բայց նա այժմ չի պարունակում օրգանական կառուցվածքի և ոչ մի հետք։ Փոշին ինձ համար անալիզի է ենթարկել մր. Տ. Ռիքսը. նա ներկայացնում է կալցիումի և նատրիումի և՛ սուլֆատները, և՛ քլորիդները, ինչպես և շատ քիչ քանակությամբ կալցիում կարբոնատ։ Հայտնի է, որ հասարակ աղը և կալցիում կարբոնատը զանգվածներով իրար կողքի մնալով՝ մասամբ քայքայում են իրար, թեև այդ տեղի չի ունենում, երբ լուծույթում փոքր քանակությամբ են լինում։ Որովհետև ստորին մասի կիսաքայքայված խեցիների հետ գտնվում է մեծ քանակությամբ հասարակ աղ, որի հետ կան նաև վերևի աղային շերտը կազմող մի քանի աղային նյութեր, և որովհետև այս խեցիները մաշվել և քայքայվել են նշանակալի ձևով, ուստի ես խիստ հակամետ եմ ենթադրելու, որ տեղի է ունեցել այս կրանակի քայքայումը։ Ստացված աղերը պետք է լինեն նատրիում կարբոնատ և կալցիում քլորիդ. կալցիում քլորիդ կա այնտեղ, իսկ նատրիում կարբոնատ՝ ոչ։ Այստեղից էլ ես ստիպված եմ ենթադրելու, որ անբացատրելի միջոցներով նատրիում կարբոնատը փոխարկվում է սուլֆատի։ Ակներև է, որ աղային շերտը չէր կարող պահպանված լինել մի վայրում, որտեղ երբեմն տեղում են առատ անձրևներ. մյուս կողմից՝ այս նույն հանգամանքը, որն աոաջին հայացքից թվում է թե խիստ նպաստավոր է բացված խեցիների պահպանման համար, հավանորեն հանդիսացել է նրանց քայքայման անուղղակի միջոցը, հասարակ աղի չլվացվելու և չհեռանալու պատճառով։

Չափազանց հետաքրքրական էր այն, որ ութսունհինգ ոտնաչափ բարձրության տերրասի վրա ես գտա խեցիների և ծովի բերած ու կիտած մնացորդների մեջ թ աղված բամբակի թելերի կտորներ, եղեգից գործած խսիրներ և եգիպտացորենի կոթ։ Ես այս մնացորդները համեմատեցի հուակասի կամ հին Պերուի դամբարաններից դուրս եկած նման իրերի հետ և գտա, որ սրանք արտաքին տեսքով իրար շատ նման են։ Բուն ցամաքում, Սան Լորենցոյի դիմաց, Բելավիստայի մոտ կա մի լայնատարած և տափակ հարթավայր, մոտ հարյուր ոտնաչափ բարձրությամբ, որի ստորին մասը կազմված է ավազի և անմաքուր կավի փոփոխվող շերտերից և քիչ խճից, իսկ մակերեսը երեքից վեց ոտնաչափ խորությամբ՝ կարմրավուն ավազա-կավից, որի մեջ ցրված են ծովախեցիներ և բազմաթիվ կարմիր կավե կոշտ ամանեղենների բեկորներ, որոշ տեղերում շատ, որոշ տեղերում քիչ։ Սկզբում ես հակամետ էի հավատալու, որ այս մակերեսի շերտը, նկատի ունենալով նրա լայնատարած և հարթ լինելը, պետք է նստած լինի ծովի հատակին. բայց հետո ես մի կետում գտա, որ նա (այդ շերտը) նստել էր կլոր քարերի արհեստականորեն պատրաստված հատակի վրա։ Ուստի ավելի հավանական է թվում, որ մի ժամանակ, երբ ցամաքն ավելի ցածր է եղել, գոյություն է ունեցել Կալաոյի շրջապատում գտնվող հարթավայրին խիստ նման մի հարթավայր, որը պաշտպանված լինելով մանրախճից, կազմված ծովափով՝ շատ քիչ է բարձրացել ծովի մակարդակից։ Այնպես է թվում, որ այս հարթավայրի վրա, նրա տակին գտնվող կարմիր կավից հնդիկները պատրաստել են իրենց հողե ամանները, և ուժեղ երկրաշարժի ժամանակ ծովը խուժելով ափի վրա, հարթավայրը վերածել է ժամանակավոր լճի, ինչպես այդ պատահել է Կալաոյի շրջակայքում 1713 և 1740 տարիներին։ Այնուհետև ջուրը նստեցրել է տիղմ, որը պարունակում էր որոշ տեղերում շատ և որոշ տեղերում քիչ թրծված ամանեղենի կտորներ և ծովից բերված խեցիներ։ Այս հողե ամանների բրածոներ պարունակող շերտը խեցիների հետ միասին այն բարձրությունն ունի, ինչ որ Սան Լորենցոյի ստորին տերրասը, որի մեջ թաղված են բամբակե թելեր և այլ մնացորդներ։ Այստեղից էլ վստահ կարելի է ասել, որ հնդիկների գոյության պերիոդում տեղի է ունեցել, ինչպես առաջ ակնարկել ենք, ավելի քան ութսունհինգ ոտնաչափ բարձրացում, որովհետև բարձրության մի փոքր մասը պետք է կորած լինի հին ժամանակներում քարտեզահանումից հետո ափն իջնելու պատճառով։ Թեև Վալպարայսոյում 220 տարվա ընթացքում, մեր այցելու-

թյունից առաջ՝ բարձրացումը տասնինն ոտնաչափից չի անցնում, մինչ 1817 թվից հետո բարձրացել է,, մասամբ աստիճանաբար և մասամբ 1822 թվի երկրաշարժից, տասը կամ տասնմեկ ոտնաչափ։ Հնդկական ցեղի հնությունն այստեղ, դատելով մնացորդները թաղվելուց հետո ցամաքը ութսունհինգ ոտնաչափ բարձրանալուց, ավելի նշանակալի է դառնում, որովհետև Պատագոնիայի ափին, երբ ցամաքը նույնքան ոտնաչափով ցածր է եղել, Macrauchenia-ն եղել է ապրող կենդանի, բայց քանի որ պատագոնյան ափը Կորդիլյերներից բավականին հեռու է, ուստի այնտեղ բարձրացումը կարող է ավելի դանդաղ տեղի ունեցած լինել, քան այստեղ։ Բահիա Բլանկայում բարձրացումը, բազմաթիվ վիթխարի չորքոտանիներն այնտեղ թաղվելուց հետո, մի քանի ոտնաչափ է եղել միայն և, ընդհանուր ընդունելություն գտած տեսակետի համաձայն, երբ ապրելիս են եղել այս անհետացած կենդանիները, մարդը գոյություն չի ունեցել։ Բայց Պատագոնիայի ափի այդ մասի բարձրացումը գուցե բոլորովին կապված չէ Կորդիլյերների հետ, ավելի շուտ այդ կապված է Բանդա Օրիենտալի հին հրաբխային ապառների մի հին շարքի հետ, այնպես որ բարձրացումն այստեղ շատ ավելի դանդաղ է տեղի ունեցել, քան Պերուի ափերին։ Բոլոր այս ենթադրությունները թաղված են մշուշի մեջ, որովհետև ո՞վ կարող է պնդել, որ գոյություն չեն ունեցել իջեցման պերիոդներ, որոնք միջադրվել են բարձրացման շարժումների միջև, որովհետև մենք գիտենք, որ Պատագոնիայի ամբողջ ափի երկայնքով բարձրացնող ուժերի դեպի վեր գործունեության ընթացքում անկասկած շատ անգամ և երկար դադարներ են տեղի ունեցել։


ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԳԱԼԱՊԱԳՈՍԻ ԱՐՇԻՊԵԼԱԳ

Ամբողջ կղզիների խմբի հրաբխային ծագում ունենալը.— Կրատերների (խառնարան) մեծ թիվը.— Անտերև թփուտներ.— Չարլզ կղզու գաղութը.— Ջեմս կղզին.— Աղի լիճ կրատերում.— Խմբի բնապատմությունը.— Օրնիթոլոգիա, հետաքրքրական խայտիտներ.— Սողուններ.— Մեծ կրիաներ, նրանց սովորությունները.— Ծովային մողես, նրա սնվելը ծովախոտերով.— Ցամաքային մողես, գետինը փորելու նրա սովորությունները և խոտակերությունը.— Սողունների կարևորությունն արշիպելագում.— Ձկներ, խեցիներ, միջատներ.— Բուսաբանությունը.— Ամերիկյան տիպի օրգանիզացիա.— Տարբեր կղզիների վրա տեսակների կամ ցեղերի տարբերությունները.— Թռչունների՝ մարդուց չվախենալու բնավորությունը,— Մարդուց երկյուղը որպես ձեռքբերովի բնազդ։

Սեպտեմբերի 15.— Այս արշիպելագը կազմված է տասը գլխավոր կղզուց, որոնցից հինգն իրենց մեծությամբ գերազանցում են մյուսներին։ Սրանք գտնվում են հասարակածի վրա և Ամերիկայի ափից հինգ-վեց հարյուր մղոն դեպի արևմուտք։ Բոլորն էլ ամբողջովին կազմված են հրաբխային ապառներից. գրանիտի մի քանի բեկորներ, որոնք հետաքրքրական կերպով փայլում են և ձևափոխվել են ջերմությունից, հազիվ թե կարողանան բացառություն համարվել։ Կրատերներից մի քանիսը, որոնք շրջապատում են մեծ կղզիները, ունեն ահռելի մեծություն և բարձրանում են մինչև երեք-չորս հազար ոտնաչափ։ Նրանց կողերը զարդարված են անհաշիվ փոքր բացվածքներով։ Հազիվ թե վարանեմ պնդելու, որ ամբողջ արշիպելագում առնվազն երկու հազար կրատեր կա։ Սրանք կազմված են կամ լավայից, և շլակից, կամ նուրբ շերտավորված ավազաքարանման տուֆից։ Վերջինս մեծ մասամբ գեղեցիկ, սիմետրիկ է, սրանք իրենց ծագումը պարտական են առանց լավայի հրաբխային տիղմ ժայթքելուն։ Հետաքրքրական է, թե ինչպես հետազոտված քսանչորս տուֆային կրատերներից յուրաքանչյուրի հարավային կողմը կամ մյուս կողմերից ցած էր լինում, կամ՝ բոլորովին մաշված, հեռացած։ Քանի որ այդ բոլոր կրատերներն ակներևաբար կազմվել են ծովում և քանի որ պասսատային քամիներից առաջացած ալիքները և բաց Խաղաղ օվկիանոսի հոսանքներն այստեղ միացնում են իրենց ուժը բոլոր կղզիների հարավային ափերի վրա, ապա պարզ է դառնում քայքայման եզակի միաձևությունն այս կրատերների, որոնք կազմված են փափուկ և շուտ քայքայվող տուֆից։

Չնայած որ այս կղզիները գտնվում են անմիջականորեն հասարակածի տակ, այնուամենայնիվ կլիման շատ տաք չէ. թվում է թե այս գլխավորապես արդյունք է. այն բանի, որ շրջապատի ջրի ջերմաստիճանը հարավային բևեռից եկած մեծ և սառը հոսանքի շնորհիվ միշտ եզակիորեն ցածր է լինում։ Բացառությամբ մի կարճ սեզոնի՝ շատ քիչ անձրև է գալիս, մինչև անգամ անձրևաբեր եղանակներին տեղումն անկանոն է, բայց ամպերը սովորաբար ցածր են կախվում։ Այս պատճառով էլ մինչդեռ կղզու ցածրադիր մասերը չափազանց չոր են, բարձր մասերը, հազար ոտնաչափից վերև, ունեն խոնավ կլիմա և բավականին փարթամ բուսականություն։ Այս գլխավորապես վերաբերում է կղզիների դեպի քամին ուղղված կողմերին, որոնք ամենից առաջ են ընդունում և խտացնում մթնոլորտի խոնավությունը։

Առավոտյան (17-ին) դուրս եկանք. Չաթեմ կղզին, որը մյուսների նման բարձրանում է մեղմ, կլոր ուրվագծով, որը տեղ-տեղ ընդհատվում է ցիրուցան, նախկին կրատերների մնացորդ բլրակներով։ Ոչ մի բան այնքան անհյուրընկալ չէ, որքան առաջին տպավորությունը։ Սև բազալտե լավայի մի անհարթ դաշտ, տարածված վերին աստիճանի խորտուբորտ ալիքների ձևով և միջահատված մեծ ճեղքվածքներով, ամենուրեք ծածկվել է գաճաճ և արևակեզ թփուտներով, որոնք կյանքի շատ քիչ նշաններ են ցույց տալիս։ Չոր և խանձված մակերեսը, տաքանալով կեսօրվա արևով, օդը դարձնում էր հեղձուցիչ, կարծեք թե վառարանից եկած լիներ, մեզ այնպես էր թվում, թե մինչև անգամ մացառների հոտն անախորժ էր։ Թեև ես փութաջան աշխատում էի որքան կարելի է շատ բույս հավաքել, բայց շատ քիչ կարողացա հավաքել, և այդ ողորմելի փոքրիկ բույսերն ավելի հարմար են արկտիկային բուսականության, քան հասարակածայինի։ Այդ մացառային անտառը հեռվից նույնքան տերևազուրկ է թվում, որքան մեր ծառերը ձմեռը, և որոշ ժամանակից հետո միայն պարզվեց, որ ոչ միայն գրեթե յուրաքանչյուր բույս կրում էր իր լրիվ սաղարթը, այլ և մեծ մասը ծաղկած էր։ Ամենատարածված թփուտը Euphorbiaceae-ի ընտանիքին է պատկանում, միայն մի ակացիա և մի մեծ տարօրինակ ձևի կակտուս կա, որոնք որոշ չափով կարող են ստվեր առաջացնել։ Ուժեղ անձրևային սեզոնից հետո, ասում են, կղզին մասամբ ծածկվում է կանաչով։ Հրաբխային Ֆերնանդո Նորոնյա կղզին, որը շատ կողմերով գտնվում է նույն պայմաններում, միակ վայրն է, սրի բուսականությունը որոշ չափով նման է Գալապագոսի արշիպելագի բուսականության։

«Բիգլ»-ը նավարկեց Չաթեմ կղզու շուրջը և խարիսխ գցեց մի քանի ծովածոցերում։ Մի գիշեր ես քնել էի կղզու ծովափին այնպիսի մի մասում, որտեղ կային բազմաթիվ սև ծայրատ կոներ. մի փոքր բարձունքից ես հաշվեց ի վաթսուն հատ, որոնք բոլորն էլ վերջանում էին ավելի կամ նվազ կատարյալ կրատերներով։ Մեծ մասը կազմված էր սոսկ կարմիր խարամի կամ շլակի օղակից և նրանց բարձրությունը լավային հարթավայրից 50 կամ 100 ոտնաչափից ավելի չէր լինում. բոլորն էլ վաղուց հանգել են։ Կղզու այս մասի ամբողջ մակերեսը կարծեք թե մաղի նման ծակծկվել է ստորերկրյա գոլորշիներից, այս ու այն կողմ լավան, նախքան ամրանալը, վերածվել էր մեծ պղպջակների, իսկ մի քանի տեղ էլ նույն ձևով կազմված քարանձավների գագաթները ներս են ընկել և առաջացրել դիք կողերով կլոր փոսեր։ Բազմաթիվ կրատերների կանոնավոր ձևի այս կոները վայրին արհեստական տեսք էին տվել, որը կենդանի կերպով հիշեցնում էր ինձ Ստաֆորդշիրի այն մասերը, որտեղ հատկապես շատ են մեծ երկաթաձուլարանները։ Օրը չափազանց տաք էր, և խորտուբորտ մակերեսի վրայով ու խճճված մացառների միջով առաջ շարժվելը չափազանց հոգնեցուցիչ էր. բայց այդ բոլոր նեղությունները հատուցվում էին տարօրինակ կիկլոպյան տեսարաններով։ Երբ ես քայլելով անցնում էի, հանկարծ տեսա երկու մեծ կրիա, որոնցից յուրաքանչյուրն առնվազն երկու հարյուր ֆունտ կկշռեր, մեկն ուտում էր կակտուս, և երբ ես մոտեցա, մի պահ հայացքը հառեց ինձ վրա և դանդաղ շարժումով հեռացավ. մյուսը խորը շչելով գլուխը ներս քաշեց։ Այս ահռելի կենդանիները, շրջապատված սև լավայով, անտերև թփուտներով և մեծ կակտուսներով, իմ երևակայության մեջ թվում էին անդրջրհեղեղյան կենդանիներ։ Մի քանի մուգ գույնի թռչուններ նույնչափ քիչ էին ուշադրություն դարձնում ինձ վրա, որքան այս մեծ կենդանիների վրա։

Սեպտեմբերի 23.— «Բիգլ»-ը նավարկեց դեպի Չարլզ կղզին։ Այս արշիպելագն այցելել են շատ վաղուց. առաջին անգամ այստեղ եկել են բուկանյերները (ծովահեն) և ավելի ուշ՝ կետորսները, բայց միայն վերջին վեց տարին է, որ այստեղ հաստատվել է մի փոքրիկ գաղութ։ Բնակիչների թիվը հասնում է երկու հարյուրից մինչև երեք հարյուրի. սրանք բոլորն էլ ոչ-սպիտակամորթներ են, որոնք աքսորվել են այստեղ որպես քաղաքական հանցավորներ Էկվադորի ռեսպուբլիկայից, որի մայրաքաղաքն է Քիտոն։ Գաղութը տեղավորված է մոտ չորս և կես մղոն երկրի ներսը և հավանորեն հազար ոտնաչափ բարձրության վրա։ Ճանապարհի առաջին մասն անցանք անտերև մացառների միջով, ինչպես Չաթեմ կղղում։ Ավելի բարձրում անտառը հետզհետե կանաչում էր, և հենց որ անցանք կղզու լեռնաշարքը, մի հարավային զեփյուռ կատարելապես զովացրեց մեզ, իսկ մեր տեսողությունը թարմացավ կանաչ և ծաղկած բուսականությամբ։ Այս վերին գոտում առատ քանակությամբ գտնվում են բույսեր, որոնց թվում և ձարխոտ, բայց ծառապտերներ չկան։ Ոչ մի տեղ ես չտեսա արմավի ընտանիքի ծառեր, որոնք ավելի եզակի են, որովհետև 369 մղոն հյուսիս կոկոսի կղզին իր անունն ստացել է կոկոսյան արմավից։ Տներն անկանոն ցրված են գետնի տափակ տարածության վրա, որտեղ մշակում են քաղցր կարտոֆիլ (բատատ) և բանան։ Հեշտ չէ երևակայել, թե որչափ հաճելի էր մեզ սև ցեխի տեսքն՝ այդքան երկար ժամանակ Պերուի և հյուսիսային Չիլիի այրված հողին վարժվելուց հետո։ Թեև բնակիչները տրտնջում էին իրենց աղքատության մասին, բայց առանց մեծ դժվարության կարողանում են ապրուստի միջոցներ ձեռք բերել։ Այս անտառում բազմաթիվ վայրի խոդեր և այծեր կան, բայց կենդանական սնունղի գլխավոր աղբյուրը կրիան է։ Նրանց թիվն այս կղղում շատ է պակասել, բայց և այնպես երկու օրվա որսը բավական է, որ բնակիչները մի շաբաթ ապահովվեն սննդանյութով։

Ասում են, որ անցյալում առանձին նավեր հավաքել են յոթ հարյուր հատ կրիա, և մի մարտանավի նավաստիները մի քանի տարի առաջ մի օրում ափ են բերել երկու հարյուր կրիա։

Սեպտեմբերի 29.— Մի պտույտ գործեցինք Ալբեմառլ կղզու հարավ-արևմտյան վերջավորության շուրջը և հաջորդ օրը գրեթե գտնվում էինք նրա և Նարբորո կղզու միջև։ Երկու կղզիներն էլ ծածկված են սև ու մերկ լավայի ահռելի հեղեղներով, որոնք հոսել են կամ մեծ կաթսաների շրթից, ինչպես կուպրն է հոսում ամանի ծայրից եռալիս, կամ թե դուրս են ժայթքել լանջերին գտնվող փոքր անցքերից. իջնելիս նրանք ծովափին բռնել են մղոններով տարածություններ։ Երկու կղզու վրա էլ, հայտնի է, որ եղել են ժայթքումներ. և Ալբեմառլում մենք տեսանք մի փոքր ծուխ, որը գալարումներով դուրս էր գալիս մեծ կրատերներից մեկի գագաթից։ Երեկոյան խարիսխ գցեցինք Բենքսի խորշում, Ալրեմառլ կղզում. հաջորդ առավոտը դուրս եկա պտույտի։ Ջարդված տուֆե կրատերից հարավ, որտեղ «Բիգլ»-ը խարիսխ էր գցել, կար էլիպսաձև մի այլ գեղեցիկ, սիմետրիկ կրատեր։ Նրա երկար առանցքը մեկ մղոնից քիչ էր պակաս, իսկ խորությունը՝ մոտ 500 ոտնաչափ։ Նրա Հատակին կար մի ծանծաղ լիճ, որի մեջտեղում մի փոքրիկ կրատեր մի փոքրիկ կղզի էր կազմել։ Օրը ծայր աստիճան շոգ էր, իսկ լիճը՝ վճիտ և կապույտ. ես ցած վազեցի այդ մոխրային կոնի կողքերից և խեղդված փոշուց, սկսեցի ագահորեն խմել ջրից, բայց մեծ էր հուսախաբությունս, երբ պարզվեց, որ նա չափազանց աղի է։

thumb

Ափի ապառների մեջ վխտում են մեծ սև մողեսներ՝ երեք-չորս ոտնաչափ երկարությամբ, իսկ բլուրների վրա նույնչափ տարածված էր մի տգեղ դեղնավուն թուխ տեսակ. մի քանիսն անճարակ կերպով դուրս էին փախչում մեր ճանապարհից, իսկ մի քանիսն էլ խառնաշփոթ մտնում իրենց ծակերը։ Շուտով ավելի մանրամասն կնկարագրեմ այս երկու տեսակ սողունների սովորությունները։ Ալբեմառլ կղզու ամբողջ հյուսիսային ափը սարսափելի անբերրի է։

Հոկտեմբերի 8.— Ժամանեցինք Ջեմս կղզին։ Այս կղզին, ինչպես և Չարլզ կղզին, կոչվել է Ստյուարտի շառավղի մեր թագավորների անունով։ Մր. Բայնոն, ես և մեր ծառաները մնացինք այստեղ մեկ շաբաթ՝ մեր լրիվ պրովիզիայով և մի վրանով, մինչ «Բիգլ»-ը գնաց թարմ ջուր բերելու։ Այստեղ մենք գտանք մի խումբ սպանացիներ, որոնք ուղարկվել էին Չարլզ կղզուց՝ ձուկ չորացնելու և կրիայի միս աղելու համար։ Մոտ վեց մղոն ցամաքից ներս և 2000 ոտնաչափ բարձրության վրա նրանք շինել էին մի հյուղակ, որի մեջ ապրում էին երկու մարդ, որոնք զբաղված էին կրիա բռնելով, մինչ մյուսներն ափին ձուկ էին որսում։ Ես երկու անգամ այցելեցի այս խմբին և մի գիշեր քնեցի նրանց հետ։ Ինչպես մյուս կղզիներում, այնպես էլ այստեղ ցածրադիր մասերը ծածկված էին գրեթե անտերև թփուտներով, բայց ծառերն այստեղ ավելի մեծ էին, քան որևէ այլ կղզում. մի քանիսն ունեին երկու ոտնաչափ և մի քանիսն էլ մինչև անգամ երկու ոտնաչափ իննը մատնաչափ տրամագիծ։ Բարձր մասերն ամպերից խոնավ պահվելով՝ ունեն կանաչ և փարթամ բուսականություն։ Այնքան խոնավ էր գետինը, որ կային կոշտ կիպերուսի մեծ ածուներ, որոնց մեջ ապրում և բազմանում էին մեծ թվով չափազանց փոքր ջրային հավեր։ Այս վերին մասերում եղած ժամանակ մենք սնվում էինք ամբողջովին կրիայի մսով. չափազանց համեղ է լինում կրիայի միսը, երբ այն խորովում են կրծքի պատյանի մեջ (ինչպես գաուչոներն են անում carne con cuero). լավ է նաև փոքրիկ կրիաների մսից պատրաստած սուպը. այլ տեսակների մսի համի մասին ոչինչ չեմ կարող ասել։ Մի օր մի խումբ սպանացիների հետ իրենց կետորսական նավակով գնացինք մի սալինա, կամ լիճ, որից աղ են ստանում։ Ցամաք դուրս գալուց հետո մենք դժվարությամբ էինք քայլում վերջին ժամանակների լավայի խորտուբորտ դաշտի վրայով, որը գրեթե շրջապատում է տուֆե մի կրատեր և որի հատակին գտնվում է աղի լիճը։ Ջրի խորությունը երեք-չորս մատնաչափից չի անցնում, և տակը գտնվում է գեղեցիկ բյուրեղներով սպիտակ աղի մի շերտ։ Լիճը կատարյալ բոլորաձև է, եզերքին աճում են բաց կանաչ սուկուլենտ (հյութառատ) բույսեր. իսկ կրատերի գահավեժ պատերը ծածկված են ծառերով, այնպես որ տեսարանն ամբողջությամբ և՛ գեղանկար էր, և՛ հետաքրքրական։ Մի քանի տարի առաջ մի փոկորսական նավի նավաստիներն իրենց կապիտանին սպանել էին այս խաղաղ կետում, և մենք տեսանք նրա գանգը մացառների մեջ ընկած։

thumb

Մեր այնտեղ մնալու ժամանակամիջոցում, որը տևեց մեկ շաբաթ, երկինքը պարզ էր, իսկ երբ պասսատները մի ժամ ուշանում էին, շոգը խեղդում էր մեզ։ Երկու օր ջերմաչափը վրանի մեջ մի քանի ժամ ցույց էր տալիս 93°,[184] բայց բաց օդում քամու և արևի տակ՝ 85°։ Ավազը ծայր աստիճան տաք էր. երբ ջերմաչափը դրինք թխագույն ավազի մեջ, անմիջապես բարձրացավ 137°, իսկ թե մինչև որտեղ կբարձրանար՝ այդ չգիտեմ, որովհետև 137°-ից վերև աստիճանավորված չէր։ Սև ավազն ավելի տաք էր և մինչև անգամ հաստ կոշիկներով դժվար էր նրա վրայով քայլել։

Այս կղզիների բնապատմությունը գերազանցապես հետաքրքրական է և արժանի մեծ ուշադրության։ Օրգանական արտադրանքների մեծ մասը հատկանշական են այս տեղերին և ուրիշ ոչ մի տեղ չեն գտնվում. այդ տարբերությունը նկատվում է մինչև անգամ տարբեր կղզիների բնակիչների մեջ. այնուամենայնիվ բոլոր ձևերն էլ ցույց են տալիս նկատելի ազ գակցություն ամերիկականների հետ, չնայած որ այդ մայր ցամաքից բաժանված են օվկիանոսի բաց տարածությամբ, որի լայնությունը հասնում է 500-ից 600 մղոնի։ Այս արշիպելագը ներկայացնում է մի փոքրիկ աշխարհիկ կամ ավելի ճիշտ՝ մի արբանյակ՝ կպած Ամեըիկային, որտեղից ստացել է մի քանի թափառաշրջիկ կոլոնիստներ, և նրա սեփական արտադրանքների ընդհանուր գծերը։ Նկատի ունենալով այս կղզիների փոքր ծավալը՝ մեր զարմանքն ավելի է մեծանում նրա բնիկ էակների թվի և նրանց սահմանափակ տարածման վրա։ Աչքի առաջ ունենալով այն, որ ամեն մի բարձրություն վերջանում է կրատերով, և որ լավային հոսանքների մեծ մասի սահմանները դեռ որոշ են, ուստի ստիպված ենք հավատալու, որ երկրաբանորեն մոտիկ անցյալի մի պերիոդում այստեղ տարածված է եղել համատարած օվկիանոսը։ Այստեղից էլ ժամանակի և տարածության մեջ մենք մոտենում ենք մի հռչակավոր փաստի — այդ խորհրդավորությունների խորհրդավորին — նոր էակների առաջին անգամ երևալն այս կղզիների վրա։

Ցամաքային կաթնասուն կենդանիներից միայն մեկը կա, որը պետք է համարել բնիկ. այդ մուկն է (mus Galapagoensis), և նա գտնվում է, որքան ես կարողացա իմանալ, Չաթեմ կղզու վրա, որը խմբի աժենաարևելյան կղզին է։ Նա պատկանում է, ինչպես ասում է մր. Ուոթրհաուզը, Ամերիկային բնորոշ մկների ընտանիքի մի բաժնին։ Ջեմս կղզում կա մի առնետ, որը բավականին տարբերվում է հասարակ տեսակից, այս կենդանին նկարագրել և անվանել է մր. Ոութրհաուզը, բայց որովհետև նա պատկանում է ընտանիքի հին աշխարհի բաժանումին, և որովհետև այս կղզիներն են այցելում վերջին հարյուր հիսուն տարին բազմաթիվ նավեր, ուստի քիչ կասկած է մնում ենթադրելու, որ այս առնետը մի սոսկ փոփոխակ է, որն առաջացել է նոր և յուրահատուկ կլիմայից, սննդից և հողից, որին նա ենթակա է եղել։ Թեև ոչ ոք իրավունք չունի առանց որոշակի փաստերի խսրհրդածելու, բայց գոնե Չաթեմ կղզու մկան դեպքի համար կարելի է ենթադրել, որ նա ամենայն հավանականությամբ ամերիկյան տեսակ է՝ այստեղ տեղափոխված։ Որովհետև պամպասների մի վերին աստիճանի ամայի տեղ տեսել եմ, թե ինչպես մուկը բնակություն է հաստատել մի նորաշեն խրճիթի առաստաղում, հետևաբար և նրա տեղափոխումն այստեղ նավով՝ անհավանական չէ։ Անալոգ փաստեր նկատել է նաև դ-ր Ռիչարդսոնը Հյուսիսային Ամերիկայում։

thumb

Ցամաքային թռչուններից ձեռք բերի քսանվեց տեսակ, բոլորն էլ կատարելապես առանձնահատուկ և բոլորն էլ, բացառությամբ մեկի, ուրիշ ոչ մի տեղ չեն գտնվում։ Միայն արտուտանման մի խայտիտ (Dolichonyx oryzivorus) կա, որն այստեղ է եկել Հյուսիսային Ամերիկայից, և որի տարածումն այդ ծայր ցամաքում հասնում է մինչև հյուսիսային լայնության 54°-ը, և նա սովորաբար հաճախում է ճահճոտ տեղերը։ Մյուս քսանհինգ թռչուններից առաջինը մի բազե է, որը կառուցվածքով բավականին հետաքրքրական կերպով գտնվում է հավկուլի և ամերիկյան խմբի գիշակեր պոլիբորների (Polybori) միջև, և այս վերջին թռչուններին նա խիստ համապատասխանում է յուրաքանչյուր սովորությամբ, մինչև անգամ ձայնի տոնով։ Ապա գալիս են երկու բու, որոնք ներկայացնում են Եվրոպայի մարագներում ապրող կարճականջ և սպիտակ բվերին։ Երրորդ՝ մի ցախսարեկ, երեք բռնապետ ճանճորս (որոնցից երկուսը Pyrocephalus-ի տեսակներ, որոնցից մեկը կամ երկուսն էլ մի քանի թռչնաբաններ համարում են փոփոխակ) և մի տատրակ։ Բոլորն էլ թեև անալոգ՝ բայց տարբերվում են ամերիկյան տեսակներից։ Չորրորդ, մի ծիծեռնակ, որը չնայած տարբերվում է և՛ Հյուսիսային, և՛ Հարավային Ամերիկաների Progne purpurea-յից միայն իր աղոտ գույնով, փոքրությամբ և բարակությամբ, բայց մր. Գուլդը նրան համարում է առանձին տեսակ։ Հինգերորդ՝ երեք տեսակ կեռնեխ — մի ձև, որը խիստ հատկանշական է Ամերիկային։ Մնացած ցամաքային թռչունները կազմում են խայտիտների մի վերին աստիճանի եզակի խումբ, որոնց ազգակցությունն իրար հետ՝ արտահայտվում է կտուցների կազմվածքով, կարճ պոչերով, մարմնի ձևով և փետուրների ամբողջ կազմով. սրանք կազմում են տասներեք տեսակ, որոնց մր. Գուլդը բաժանել է չորս ենթախմբերի։ Այս բոլոր տեսակներն էլ պատահում են միայն այս արշիպելագի վրա, ինչպես և ամբողջ խումբը, բացառությամբ Cactornis ենթախմբի մի տեսակի, որը վերջերս հայտնաբերվել է Ցածրադիր արշիպելագի Բոու կղղում, տեղական է։ Cactornis-ի երկու տեսակները հաճախ երևում են կակտուսի մեծ ծառերի ծաղիկների շուրջը մագլցելիս, բայց այս խայտիտների խմբի մնացած բոլոր տեսակները, երամներով խառն, սնվում են ցածրադիր շրջանների չոր և անբերրի գետնի վրա։ Արուները բոլորն էլ, կամ մեծ մասամբ, սաթի նման սև են, իսկ էգերը (գուցե բացառությամբ մեկի կամ երկուսի) թուխ են։ Ամենահետաքրքրական փաստը Geospiza-յի տարբեր տեսակների կտուցների մեծության կատարյալ աստիճանավորումն է, ամենամեծը հատբեկիչի կտուցն է, իսկ ամենափոքրը՝ սերինոսինը և (եթե մր. Գուլդն իրավացի է Certhidea ենթախումբը գլխավոր խմբի մեջ մտցնելու խնդրում) մինչև անգամ շիկահավի կտուցը։ Ամենամեծ կտուցը, որը պատածում է Geopiza ցեղի մոտ, ցույց է արված գծանկար 1-ում, իսկ ամենափոքրը՝ գծ. 3-ում, բայց առաջինից երրորդին անցնելը, որը ցույց է տրված գծ. 2-ում մեկ ձևով միայն, իրականում տեսնում ենք ոչ պակաս քան վեց տեսակների մոտ, որոնց կտուցներն աստիճանաբար փոքրանում են։ Certhidea ենթախմբի կտուցը ցույց է տրված գծանկար 4-ում։ Cactornis-ի կտուցը որոշ բանով նման է սարյակի կտուցին, իսկ չորրորդ ենթախմբի (Camarhynchus) մոտ նա հիշեցնում է թութակի կտուցը։ Տեսնելով այս փոքր և իրար խիստ մոտիկ խմբերի թռչունների աստիճանավորումը և կառուցվածքի տարբերությունը մարդ ակամայից այն եզրակացության է գալիս, որ այս արշիպելագում այս թռչունների սկզբում սահմանափակ թվից բնությունը վերցրել է մի տեսակ և ձևափոխել տարբեր տեսակների, նայած պայմաններին։ Միևնույն ձևով կարելի է ենթադրել, որ մի թռչուն, ծագումով մի հավկուլ, այստեղ իր վրա է վերցրել ամերիկյան գիշակեր Polybori-ների պարտականությունը։

thumb

Բարձրասրուններից և ջրային թռչուններից ես կարողացա ձեռք բերել միայն տասնևմեկ տեսակ, և սրանցից միայն երեքը (ներառյալ մի կատար, որ գտնվում է կղզիների բարձր և խոնավ տեգերում միայն) նոր տեսակներ են։ Նկատի ունենալով ճայերի թափառող սովորությունները՝ ես շատ էի զարմացել, երբ այս կղզիների վրա գտնվեց մի առանձնահատուկ տեսակ. վերջինս ազգակից է Հարավային Ամերիկայի հարավային մասի մի տեսակի։ Բարձրասրունների և թաղանթավորների հետ համեմատած՝ ցամաքային թռչունները խիստ մեծ առանճնաձատկություն ունեն, քանի որ քսանվեցից քսանհինգը նոր տեսակ կամ առնվազն նոր ցեղ են. և այն համապատասխանում է այն փաստին, որ ջրային թռչուններն աշխարհի բոլոր մասերում շատ ավելի մեծ մակերեսի վրա են տարածված։

thumb

Ջրային ձևերը, լինեն դրանք ծովային կամ անուշ ջրի, երկրի մակերեսի որևէ կետում ավելի քիչ են յուրահատուկ, քան միևնույն դասերի ցամաքային ձևերը. այս օրենքի ամենափայլուն օրինակը տեսնում ենք խեցիների մոտ, իսկ ավելի նվազ չափովի այս արշիպելագի միջատների մոտ։

Բարձրասրուններից երկուսն ավելի փոքր են, քան այլ տեղերից բերած միևնույն տեսակները։ Ծիծեռնակը նույնպես փոքր է, թեև կասկածելի է, թե նա տարբերվում է իր անալոգից։ Երկու բուն, երկու բռնակալ ճանճորսը (Pyrocephalus) և աղավնին նույնպես ավելի փոքր են, քան անալոգ, բայց առանձին տեսակները, որոնց խիստ մոտիկ են գտնվում սրանք. իսկ ճայը, ընդհակառակը, քիչ մեծ է։ Երկու բուն, ծիծեռնակը, բոլոր երեք տեսակ կեռնեխները, աղավնին իր տարբեր գույներով, թեև ոչ իր ամբողջ փետրավորումով, Totanus-ք և ճայը նույնպես ավելի մութ են գույներով, քան նրանց անալոգ տեսակները, իսկ կեռնեխը և Totanus-ն ավելի մութ ենք քան այդ երկու սեռերի որևէ տեսակը։

thumb

Բացառությամբ գեղեցիկ, դեղին լանջով մի ցախսարեկի և մի բռնակալ Ճանճորսի՝ ծիրանի փուփուլով և կրծքով, ուրիշ ոչ մի թռչուն պայծառ գույն չունի, ինչպես կարելի էր սպասել հասարակածային շրջաններից։ Այստեղից էլ կարելի է եզրակացնել, որ այն նույն պատճառները, որոնք որոշ տեսակների ներգաղթողներին փոքրացնում են, Գալապագոսի յուրահատուկ տեսակներին նույնպես փոքրացնում են, ինչպես որ սովորաբար նրանց գույներն էլ աղոտացնում են։ Բոլոր բույսերն էլ ունեն ողորմելի չոր փայտի տեսք, և ես չկարողացա տեսնել մի գեղեցիկ ծաղիկ։ Միջատները նույնպես փոքր են և մութ գույնի, և, ինչպես մր. Ուոթրհաուզն է ասում, նրանց ընդհանուր տեսքի մեջ չկա մի բան, որ ցույց տա, թե նրանք եկել են հասարակածային շրջաններից։ Բույսերը, թռչունները և միջատներն ունեն անապատային բնույթ և գույնով ավելի պայծառ չեն, քան հարավային Պատագոնիայի բույսերը, թռչունները և միջատները։ Այստեղից էլ մենք կարող ենք եզրակացնել, որ միջարևադարձային պրոդուկցիաների սովորական պճնազարդ գունավորումն այդ գոտիների լույսի կամ տաքության հետ կապ չունի, այլ արդյունք է մի այլ պատճառի՝ թերևս գոյության պայմանների, որոնք սովորաբար այդ շրջաններում ավելի նպաստավոր են։

thumb

Այժմ դառնալու ենք սողունների կարգին, որն ամենահաականշականն է այս կղզիների կենդանական աշխարհում։ Տեսակները քիչ են, բայց յուրաքանչյուր տեսակի անհատների թիվը չափազանց մեծ է։ Այնտեղ կա մի փոքր մողես, որը պատկանում է հարավ-ամերիկյան մի սեռի, իսկ երկու (և հավանորեն ավելի) տեսակ՝ Amblyrhynchus-ին, մի սեռ, որը գտնվում է միայն Գալապագոսի կղզիներում։ Կա մի օձ, որը պատահում է մեծ քանակությամբ։ Նա, համաձայն մր. Բիբրոնի, հար և նման է Չիլիում գտնվող Psammophis Temminckii-ին։ Ծովային կրիաներից, կարծում եմ, կա մեկից ավելի տեսակ, իսկ ցամաքային կրիաներից, ինչպես այժմ ցույց կտանք, երկու կամ երեք տեսակ կամ ցեղ։ Գորտեր կամ դոդոշներ բոլորովին չկան։ Ես շատ էի զարմացել այս բանի վրա, որովհետև կղզիների վերին մասերի խոնավ և բարեխառն անտառները շատ են հարմար գորտերի համար։ Այդ բանն ինձ հիշեցնում էր Բորի Սան Վենսոնի[185] դիտողությունն այդ խնդրի մասին. նա ասում է, որ այս ընտանիքից ոչ մի հատ չի գտնվել մեծ օվկիանոսների հրաբխային և ոչ մի կղզու վրա։ Որքան ինձ հայտնի է բազմաթիվ աշխատություններից, այս միանգամայն ճիշտ է ամբողջ Խաղաղ օվկիանոսի համար, մինչև անգամ Սանդվիչյան արշիպելագի մեծ կղզիների համար։ Մավրիկիայի կղզիներն այս տեսակետից բացառություն են կազմում, որտեղ ես տեսա առատ քանակությամբ Rana Mascariensis-ը։ Ասում են, որ այս գորտն ապրում Սեյշելյան կղղիներում, Մադագասկարում և Բուրբոնում, բայց մյուս կողմից՝ Դյու Բուան 1669 թվին կատարած իր ճանապարհորդության մեջ նշում է, որ Բուրբոնում, բացի կրիայից, ոչ մի սողուն չի եղ ել, և Officier du Roi-ն պնդում է, որ 1768 թվից առաջ փորձ է եղել, թեև անհաջող, Մավրիկիա ներմուծել գորտեր՝ հավանորեն ուտելու նպատակով։ Այստեղից էլ կասկածելի է դառնում այս գորտի բնիկ լինելը։ Ընդհանրապես շատ հետաքրքրական է օվկիանոսային կղզիներում գորտի ընտանիքի բացակայությունը, երբ նկատի ենք ունենում մողեսներին, որոնք վխտում են մինչև անգամ ամենափոքր կղզիների մեծ մասի վրա։ Արդյոք այս տարբերությունը չի՞ առաջանում մողեսի ձվի մի առանձնահատկությամբ. մողեսի ձուն պաշտպանված լինելով կրային պատյանով՝ աղի ջուրը շատ հեշտ կարող էր տեղափոխել այն,մինչդեռ գորտի լորձնուտ ձուն՝ շատ դժվարությամբ։

thumb

Ամենից առաջ նկարագրելու եմ սովորություններն այն կրիայի (Testudo nigra, առաջ կոչվում էր Indica), որի մասին այնքան հաճախ ակնարկել եմ։ Այս կենդանիները, կարծում եմ, գտնվում են արշիպելագի բոլոր կղզիների վրա, իսկ ստույգ կերպով՝ մեծ մասի վրա։ Նրանք նախընտրում են հաճախել բարձր խոնավ մասերը, բայց նրանց կարելի է գտնել և՛ ցածր, և՛ չոր շրջաններում։ Ես արդեն ասել եմ նրանց շատության մասին՝ հիշատակելով մի օրում բռնած կրիաների թիվը։ Մի քանիսը շատ մեծ են լինում. մր. Լոուսոնը (մի անգլիացի, գաղութի փոխ նահանգապետը) ասում էր, որ նա տեսել էր մի քանիսին, որոնք այնքան մեծ են եղել, որ անհրաժեշտ է եղել վեց կամ ութ մարդ՝ գետնից բարձրացնելու համար, և մի քանիսից յուրաքանչյուրից ստացել են երկու հարյուր ֆունտ (90 կիլո) միս։ Լրիվ աճած արուներն ավելի մեծ են լինում. էգերը հազիվ թե նրանց չափ մեծանան։ Արուն էգից շատ հեշտությամբ տարբերվում է իր պոչի համեմատական երկարությամբ։

Այն կրիաները, որոնք ապրում են ջրազուրկ կղզիներում կամ այլ կղզիների ստորին և չոր մասերում, գլխավորապես սնվում են հյութառատ կակտուսով։ Իսկ նրանք, որոնք հաճախում են բարձր և խոնավ գոտիները, ուտում են զանազան ծառերի տերևներ, մի տեսակ թթու և տտիպ հատապտուղ (որը կոչվում է գուայավիտա), և բաց կանաչ մանրաթելավոր մամուռ (Usnera Plicafa), որը խոպոպներով կախվում է ծառերի ճյուղերից։

Կրիան շատ մոլի է ջրի, խմում է մեծ քանակությամբ և թավալում տղմի մեջ։ Միայն մեծ կղզիների վրա կան աղբյուրներ, և այդ աղբյուրները միշտ գտնվում են կենտրոնական մասերում և զգալի բարձրության վրա։ Ուստի ցածր մասերը հաճախող կրիաները ծարավելիս ստիպված են լինում անցնել մեծ տարածություններ։ Այս պատճառով էլ աղբյուրներից դեպի ծովափն ամեն ուղղությամբ ճյուղավորվում են լայն, տափակացրած շավիղներ։ Սպանացիները գալով այս կղզիների առաջին անգամ աղբյուրները գտել են այս շավիղներին հետևելով։ Երբ դուրս եկա Չաթեմ կղզին, չէի կարող հասկանալ, թե այդ ինչ կենդանի է, որ այդքան կանոնավոր ճանապարհորդել է այդպես լավ տափակացրած կածաններով։ Չափազանց հետաքրքրական տեսարան էր բացվում աղբյուրի մոտ։ Այս ահռելի ժրաջան կրիաների, մի խումբ շարժվում էր առաջ դեպի աղբյուրը, վիզը դուրս պարզած, իսկ մի այլ խումբ վերադառնում կուշտ խմելուց, հագենալուց հետո։ Երբ կրիան հասնում է աղբյուրը, առանց ուշադրություն դարձնելու որևէ դիտողի՝ մինչև աչքերը գլուխը խրում է ջրի մեջ և ագահությամբ, մեծ ումպերով կուլ է տալիս ջուրը, մի րոպեում՝ տասն ումպ։ Տեղի բնակիչներն ասում են, որ յուրաքանչյուր կենդանի երեք կամ չորս օր մնnւմ է աղբյուրի շրջակայքում և ապա վերադառնում ցածրադիր մասերը։ Այս այցելությունները կանոնավոր ընդմիջումներով չեն կատարվում։ Հավանորեն այդ կախված է նրանց ստացած սննդի բնույթից։ Այնուամենայնիվ կրիաները կարող են ապրել նաև այն կղզիներում, որտեղ տարվա մեջ, բացի մի քանի անձրևային օրերի տեղումներից, ջուր բոլորովին չկա։

Թվում է թե ապացուցված է, որ գորտի փամփուշտը ծառայում է որպես ռեզերվուար նրա գոյության համար անհրաժեշտ խոնավության, կարծեք թե նույն բանը գոյություն ունի նաև կրիաների մոտ։ Աղբյուրներն այցելելուց հետո որոշ ժամանակ նրանց միզափամփուշտը լցված է լինում հեղուկով, որն, ասում են, հետզհետե փոքրանում է ծավալով և ավելի կեղտոտվում։ Երբ կղզիների այս բնակիչները ստորին մասերում ճանապարհորդելիս շատ են ծարավում, հաճախ օգտվում են այս հանգամանքից և խմում փամփուշտի ջուրը, եթե այն լիքն է։ Ես տեսա մի սպանված կրիայի փամփուշտի հեղուկը. նա բոլորովին մաքուր էր և վճիտ և շատ քիչ դառն համ ուներ։ Տեղացիները նախ խմում են պերիկարդիումի ջուրը, որը համարվում է ամենալավը։

Երբ կրիաները շարժվում են դեպի մի որոշակի կետ, գիշեր-ցերեկ անդադար քայլում են և ավելի շուտ են հասնում իրենց ճանապարհի վախճանին, քան կարելի է սպասել։ Տեղացիները դիտելով առանձին ճանաչվող անհատների՝ նկատել են, որ նրանք երկու-երեք օրում անցնում են ութ մղոն տարածություն։ Մի մեծ կրիա, որին ես դիտում էի, տասը րոպեում անցավ վաթսուն յարդ, այսինքն՝ մի ժամում երեք հարյուր վաթսուն յարդ կամ օրական չորս մղոն, միաժամանակ թողնելով նրան այնքան ժամանակ, որ կարողանա ճանապարհին սնվել։ Զուգավորման սեզոնին, երբ արուն և էգը գտնվում են միասին, արուն արձակում է մի խռպոտ գռռոց կամ բառաչ, որը, ասում են, լսվում է ավելի քան հարյուր յարդ հեռավորության վրա։ Էգը երբեք ձայն չի հանում, իսկ արուն միայն այս ժամանակներն է օգտագործում այն, այնպես որ երբ մարդիկ լսում են այս աղմուկը, գիտեն, որ երկուսն իրար մոտ են։ Մեր այցելության ժամանակ (հոկտեմբեր) կրիաները ձու էին ածում։ Էգն ավազոտ հողի վրա ածում է իր ձվերը միատեղ և ծածկում ավազով, իսկ եթե գետինը ժայռոտ է, նա անխտիր ածում է մի որևէ ծակի մեջ. մր. Բայնոն գտել է մի քանիսը մի ճեղքում։ Ձուն սպիտակ է և գնդաձև. մեկը, որ ես չափեցի, ուներ 7⅜ մատնաչափ շրջագիծ, այսինքն՝ ավելի մեծ, քան հավի ձուն։ Փոքր կրիաները հենց որ դուրս են գալիս ձվից, մեծ թվով զոհ են դառնում գիշատիչ ուրուրներին։ Մեծ կրիաները սովորաբար մեռնում են պատահարներից, ինչպես, օրինակ, ժայռից ցած գլորվելով, գոնե այդպես էին հավատացնում տեղացիները. նրանք ասում էին, որ իրենք երբեք չեն տեսել կրիան մեռած առանց մի որոշ պատճառի։

Տեղացիները հավատացած են, որ այս կենդանիները բացարձակորեն խուլ են, և իսկապես նրանք չեն լսում անմիջականորեն իրենց հետևից քայլող մարդու ոտքերի ձայնը։ Ես հաճախ զվարճանում էի այս մեծ վիշապանման կենդանիներից մեկն ու մեկի առջևից անցնելով, երբ վերջինս հանգիստ քայլում էր. հենց որ ես անցնում էի նրա առջևից, նա իր գլուխը և ոտները ներս էր քաշում և արձակում մի խորը շչյուն և գետին ընկնում խորը ձայնով, կարծեք թե մահացու հարված է ստացել։ Հաճախ կանգնում էի նրանց կռնակին, և նրանց պատյանի հետևի մասին մի քանի հարված տալուց հետո նրանք վեր էին կենում ու քայլում, բայց ինձ համար այնքան էլ հեշտ չէր հավասարակշռություն պահել։ Այս կենդանու միսը մեծ չափով գործածվում է և՛ թարմ, և՛ աղած, իսկ նրա ճարպից պատրաստում են մի թափանցիկ յուղ։ Երբ կրիան բռնում են, պոչի մոտ մի ծակ են բաց անում, որ տեսնեն, թե ի՛նչ հաստություն ունի վերին պատյանի տակի ճարպը։ Եթե լավ ճարպոտ չէ, բաց են թողնում. առում են, որ այս տարօրինակ օպերացիայից նա շատ արագ է ապաքինվում։ Կրիան պահելու համար բավական չէ ծովային կրիայի նման նրան կռնակի վրա շուռ տալ, որովհետև նրանք հաճախ կարող են դառնալ նորից ոտքերի վրա։

thumb

Քիչ կասկած կարող է լինել այն մասին, որ այս կրիան Գալապագոսի կղզիների բնիկ կենդանին է, որովհետև նա գտնվում է բոլոր կամ գրեթե բոլոր կղզիների վրա, մինչև անգամ այնպիսի փոքր կղզիների վրա, որտեղ ջուր չկա։ Դժվար է հավատալ, որ նա բերվել է ուրիշ տեղից, մանավանդ որ այս կղզիների վրա շատ քիչ այցելություններ են եղել։ Բացի այդ, հին ժամանակների բուկանյերներն (ծովահեն) այս կղզիներում ավելի մեծ թվով կրիաների են հանդիպել, քան այժմ կան։ Վուդը և Ռոջերսը նույնպես 1708 թվին ասել են, որ սպանացիների մեջ այն կարծիքն է տիրում, որ բացի այս կղզիներից, աշխարհի այս մասում ոչ մի ուրիշ տեղ այս տեսակի կրիա չկա։ Այժմ նա շատ տարածված է, բայց հարց է առաջանում, թե արդյոք նա մի այլ տեղում էլ բնիկ չէ՞։ Մավրիկիա կղզու վրա գտնված մի կրիայի ոսկրն երբ անհետացած Dodo-ի ոսկրների հետ միասին, կարծում են, պատկանում է այս կրիային. եթե այդ այդպես է, ապա ուրեմն անկասկած նա այն տեղ նախաբնակ է եղել, բայց մր. Բիբրոն ինձ տեղեկացնում է, որ, իր կարծիքով, նա եղել է տարբեր տեսակ, ինչպես և այն տեսակը, որ ներկայումս ապրում է Մավրիկիա կղզու վրա, նույն պես տարբեր տեսակ է։

Մողեսների մի նշանավոր ցեղը՝ Amblyrhynchus-ը գտնվում է բացառապես այս արշիպելագում։ Այստեղ նրանցից կան երկու տեսակ, որոնք ընդհանուր ձևով նման են իրար, մեկը ցամաքային է, իսկ մյուսը ջրային։ Այս վերջին տեսակն (A. Cristatus) առաջին անգամ նկարագրել է մր. Բելը, որը նկատի ունենալով նրա կարճ և լայն գլուխը և հավասար երկարության ուժեղ ճանկերը, եկել էր այն եզրակացության, որ նրա կյանքի սովորությունները շատ յուրահատուկ են և տարբերվում են նրա ամենամոտիկ ազգակցի, այն է՝ Iguana-ի սովորություններից։ Նա չափազանց շատ տարածված է արշիպելագի բոլոր կղզիներում և բացառապես ապրոււԼ է ժայռոտ ծովափերին, և ևս երբեք նրան չեմ տեսել ափից մինչև անգամ տասը յարդ ներս։ Այս մի ահռելի տեսքով արարած է՝ կեղտոտ սև գույնի, իր շարժումների մեջ նա բութ և դանդաղկոտ է։ Լրիվ աճածի միջին երկարությունը մոտ մի յարդ է, բայց կան և այնպիսիները, որոնք ունեն չորս ոտնաչափ երկարություն։ Մի մեծ մողես կշռեց քսան ֆունտ. թվում է, թև նրանք ամենից մեծ լինում են Ալբեմառլ կղզու վրա։ Նրանց պոչը տափականում է դեպի կողքերը, և բոլոր չորս ոտներն էլ մասամբ թաղանթապատ են։ Երբեմն նրանց տեսնում են ափից հարյուր յարդ հեռու ծովի մեջ լողալիս։ Կապիտան Կոլնետն իր «ճանապարհորդություն»-ում ասում է, որ «Նրանք երամներով մտնում են ծովը՝ ձուկ որսալու համար, և տաքանում են արևի տակ քարերի վրա. կարելի է սրանց ալիգատորների մինիատյուրա անվանել»։ Այնուամենայնիվ չպետք է ենթադրել, որ սրանք ապրում են ձկներով։ Ջրում այս մողեսը լողում է շատ հեշտ ու արագ, մարմնին տալով օձաձև շարժում և պոչը տափակացնելով, սրունքներն անշարժ է պահում և ուժեղ կքում կողքերին։ Մի նավաստի նավի վրա եղած ժամանակ այս մողեսներից մեկին մի ծանր բան կապելով սուզում է ներքև՝ մտածելով, որ կենդանին այդպիսով անմիջապես կոչնչանա, բայց երբ մի ժամ հետո նրան բարձրացնում է, տեսնում է, որ նա կատարյալ ակտիվ է։ Նրանց անդամները և ուժեղ ճանկերն սքանչելի հարմարված են խորտուբորտ և ճաքճքված լավայի վրա սողալու համար, որն ամեն տեղ կազմում է ծովափը։ Հաճախ սև քարերի վրա կարելի է տեսնել այս ահռելի սողուններից վեց կամ յոթ հատ, ալիքներից մի քանի ոտնաչափ բարձր, տարածած սրունքներով արևի տակ պառկած։

Ես բաց արի մի քանիսի ստամոքսը, և պարզվեց, որ նրանք մեծ մասամբ լցված են մանրած ծովային ջրիմուռով (Ulvae), որն աճում է բարակ տերևի ձևով, բաց կանաչ կամ մուգ կարմիր գույնով։ Չեմ հիշում, որ երբևէ մակընթացության ենթակա ժայռերի վրա նկատած լինեմ այս ծովային ջրիմուռից զգալի քանակությամբ, և ես հիմք ունի մ կարծելու, որ այդ խոտն աճում է ծովի հատակին, ափից որոշ հեռավորության վրա։ Եթե այդպես է, ապա այս կենդանիների հաճախակի ծովն այցելելու պատճառը պարզ է։ Ստամոքսում, բացի ծովային ջրիմուռից, ուրիշ ոչինչ չկար։ Սակայն պետք է ասել և այն, որ մր. Բայնոն մեկի ստամոքսում խեչափառի մի կտոր է գտել, բայց այդ կարող էր ներս գնացած լինել պատահականորեն, ճիշտ այնպես, ինչպես տեսել եմ կրիայի որկորում մի թրթուր՝ քարաքոսի հետ։ Աղիքները մեծ էին, ինչպես սովորաբար լինում են բոլոր խոտակեր կենդանիներինը։ Այս մողեսի սննդի բնույթը, ոտների և պոչի կառուցվածքը և այն, որ նա հաճախ երևում է բաց ծովում կամավոր կերպով լողալիս, բացարձակորեն ապացուցում են նրա ջրալին լինելը։ Սակայն այս տեսակետից մողեսը մի տարօրինակ անոմալիա ունի, այն է, երբ վախեցնում են նրան, նա ջուրը չի մտնի։ Այստեղից էլ հեշտությամբ կարելի է նրան քշել դեպի ծովի վրա կախված մի կետ, որտեղ ավելի շուտ նա թույլ կտա բռնել իր պոչը, քան ցատկել ջրի մեջ։

thumb

Թվում է, թե նրանք կծելու մասին ոչ մի հասկացողություն չունեն, բայց երբ շատ են վախենում, յուրաքանչյուր ռունգից ծորում են մի կաթիլ հեղուկ։ Մի քանի անգամ ես մեկը նետեցի, որքան կարող էի՝ հեռու, մի խորը լճի մեջ, որը գոյացել էր տեղատվությունից հետո մնացած ջրից, և նա շարունակ ուղիղ գծով վերադարձավ այն կետը, որտեղ ես կանգնած էի։ Նա լողում էր մոտավորապես հատակով՝ արագ և շնորհալի շարժումներով, և երբեմն անհարթ հատակին ոտքերի օգնությանն էր դիմում։ Հենց որ նա մոտենում էր եզրին, դեռ ջրից դուրս չեկած՝ նա փորձում էր թաքնվել ծովային ջրիմուռների մեջ կամ մտնում մի ծակ կամ խոռոչ։ Հենց որ կարծում էր, որ վտանգն անցել է, սողում էր դեպի չոր ցամաք, քարերի վրա, և հապճեպ հեռանում գնում էր։ Մի քանի անգամ այս նույն մողեսը ես բռնեցի և քշեցի դեպի ծովը նայող մի կետի վրա, և թեև նա կարող էր շատ լավ լողալ և սուզվել, բայց ոչինչ չէր կարող դրդել նրան ջուրը մտնելու, և հենց որ ես նրան ջուրն էի գցում, նա վերադառնում էր՝ վերը նկարագրած ձևով։ Գուցե այս եզակի և առերևույթ բթամտությունը կարելի է վերագրել այն հանգամանքին, որ այս սողունն ափում ինչ-որ թշնամիներ չունի, մինչ ծովում նա հաճախ դառնում է բազմաթիվ շնաձկների որսը։ Ուստի, հավանորեն, որոշակի ու ժառանգական բնազդից հարկադրված, որ ափն իր ապահովության վայրն է, ինչ հանգամանքներում էլ լինի՝ ափն է համարում իր ապաստարանը։

Մեր այցելության ժամանակ (հոկտեմբերին) ես տեսա այս տեսակից շատ քիչ անհատներ, որոնցից և ոչ մեկն իմ կարծիքով մեկ տարեկանից ավելի չէր լինի։ Նկատի ունենալով այդ՝ կարելի է եզրակացնել, որ սրանց զուգավորման սեզոնը դեռ սկսված չէր։ Ես հարցրի բնակիչներից մի քանիսին, թե սրտեղ են ածում իրենց ձվերն այս մողեսները. նրանք բոլորն էլ ասացին, որ նրա աճման վերաբերյալ ոչինչ չգիտեն, թեև շատ լավ ծանոթ են ցամաքային տեսակի ձվերին — մի հանգամանք, որ չափազանց հետաքրքրական է, երբ նկատի ենք ունենում այս մողեսի այս աստիճանի տարածված ու շատ լինելը։

Այժմ դառնանք ցամաքային կլոր պոչով, անթաղանթ ոտով տեսակին (A. Demarlii)։ Այս մողեսը մյուսի նման բոլոր կղզիների վրա չկա, այլ նա սահմանափակված է միայն արշիպելագի կենտրոնական մասում, այն է՝ Ալբեմառլի, Ջեմսի, Բերինգտոնի և Ինգեֆաթիգեբլ կղզիներում։ Դեպի հարավ՝ Չարլզ, Հուդ և Չաթեմ կղզիներում, և դեպի հյուսիս՝ ԹՀուեր, Բինդլոու և Էբինգդոն կղզիներում ոչ մի հատ չտեսա և ոչ էլ լսեցի մեկից այդ կղզիներում նրանց գոյություն ունենալու մասին։ Կարծեք թե նա ստեղծվել է արշիպելագի կենտրոնում և այնտեղից տարածվել միայն որոշ հեռավորությամբ։ Այս մողեսներից մի քանիսն ապրում են կղզիների բարձր և խոնավ մասերում, բայց ավելի մեծ քանակություններով գտնվում են ծովափին մոտիկ անբերրի շրջաններում։ Ավելի ուժեղ ապացույց չեմ կարող տալ նրանց առատության մասին, քան այն, որ երբ մենք գտնվում էինք Ջեմս կղզում, չէինք կարողանում գտնել մի կետ, որն ազատ լիներ նրանց բներից, որպեսզի կանգնեցնեինք մեր միակ վրանը։ Իրենց եղբայրների՝ ծովային տեսակի նման սրանք տգեղ կենդանիներ են, ներքևում՝ դեղնավուն նարնջագույն, իսկ վերևում՝ թուխ-կարմիր. նրանց ցածր դիմանկյունը նրանց տալիս է վերին աստիճանի ապուշ տեսք։ Սրանք ըստ երևույթին ծովային տեսակից փոքր են ծավալով, բայց մի քանիսը կշռում էին տասից տասնհինգ ֆունտ։ Իրենց շարժումների մեջ նրանք ծույլ են և կես թմրած։ Երբ հանգիստ են լինում, դանդաղ սողում են առաջ, իրենց պոչն ու փորը քաշ տալով գետնի վրայով։ Նրանք հաճախ կանգ են առնում և մեկ երկու րոպե նիրհում, աչքերը փակած, իսկ հետևի ոտները տաք հողի վրա պարզած։

Նրանք ապրում են բներում, որ երբեմն լինում են լավայի բեկորների միջև, բայց առհասարակ փափուկ ավազաքարանման տուֆի հարթ կտորների վրա։ Ծակերն այնքան էլ խորը չեն երևում և գետնի տակ են անցնում փոքր անկյունով այնպես որ, երբ մեկը քայլում է այս մողեսաբների վրայով, ոտի տակի հողն անընդհատ փուլ է գալիս, որը չափազանց ձանձրանում է հոգնած քայլողին։ Այս կենդանին իր ծակը փորելիս փոխեփոխ աշխատում է իր մարմնի երկու կողերի վրա. առջևի ոտներից մեկը կարճ ժամանակով փորում է հողը և նետում հետևի ոտքին, որն այնպես է տեղավորված, որ հեշտությամբ նետում է անցքի բերանից դուրս։ Մարմնի այդ կողմը հոգնելուց հետո մյուս կողմն է շարունակում աշխատանքը, և այսպես՝ շարունակաբար։ Երկար ժամանակ դիտում էի մեկին՝ մինչև մարմինը կիսով չափ թաղվելը, ապա մոտ գնալով՝ պոչից քաշեցի. այս բանի վրա նա շատ էր զարմացրել և անմիջապես դուրս սողաց տեսնելու, թե ինչ է պատահել, ապա երկար ժամանակ հայացքը հառելով ինձ՝ կարծեք թե ուզում էր ասել. «Ի՞նչն ստիպեց քեզ, որ պոչս քաշես»։

thumb

Սրանք սնվում են ցերեկը և իրենց ծակերից հեռու չեն գնում, վախենալիս ամենաանճարակ ձևով շարժվում են դեպի բները։ Նրանք շարժվում են ոչ շատ արագ, բացառությամբ բլրից ներքև իջնելիս. ըստ երևույթին այդ արդյունք է նրանց ոտների դիրքի, որոնք ուղղված են դեպի կողքերը։ Բոլորովին չեն վախենում նրանք, երբ ուշադիր դիտում են մեկին, գալարում են պոչները և բարձրանալով առջևի ոտքերի վրա՝ գլուխները վերտիկալ դիրքով ծռում են արագ շարժումով և աշխատում նայել կատաղի, թեև իրականում բոլորովին այդպես չեն. երբ մեկը ոտքը խփում է գետնին, բացվում է նրանց պոչը, և նրանք այնքան արագ են փախչում՝ որքան կարող են։ Հաճախ ես դիտել եմ ճանճակեր փոքր մողեսների, երբ սրանք նայում են մի բանի վրա, ճիշտ նույն ձևով կախում են իրենց գլուխը, բայց չգիտեմ, թե ի՛նչ նպատակի համար է այդ։ Եթե բռնեք այս Ambiyrhynchus-ին և փայտով չարչարեք, շատ կատաղի կերպով փայտը կկծի։ Մի քանիսին ձեռք ով բռնեցի, և երբեք չփորձեցին ինձ կծել։ Երբ երկուսին դնում են գետին և պահում իրար մոտ, նրանք սկսում են կռվել և այնպես կծում են իրար, մինչև բոլորովին արյունոտվում են։

Ցածրադիր մասերում ապրող մողեսները, որոնք թվով ավելի շատ են, հազիվ թե տարիներով մի կաթիլ ջուր ճաշակեն. դրա փոխարեն նրանք առատ սպառում են հյութառատ կակտուսը, սրի ճյուղերը հաճախ կոտրվում են քամուց։ Մի քանի անգամ ես մի ճյուղ նետեցի երկուսի կամ երեքի առջև, երբ վերջիններս միասին էին գտնվում. և շատ հետաքրքրական էր տեսնել, թե ինչպես յուրաքանչյուրն ամեն ջանք թափում էր, որ ինքը վերցնի ճյուղը և տանի բերանով, ճիշտ այնպես, ինչպես քաղցած շներն են վարվում ոսկրի հետ։ Ուտում են բավականին արագ, բայց չեն ծամում իրենց սնունդը։ Փոքրիկ թռչունները շատ լավ են իմանում, թե որչափ անվնաս են այս արարածները։ Ես տեսել եմ, թե ինչպես հաստակաուց մի խայտիտ կտցահարում էր մի կտոր կակտուսի ծայրից (այս բույսը շատ ախորժելի է ցածրադիր շրջանների բոլոր կենդանիների համար), մինչ մյուս ծայրից ուտում էր մողեսը, այնուհետև փոքրիկ թռչունը վերին աստիճանի անտարբեր ցատկեց սողուն ի կռնակին։

Ես բաց արի մի քանիսի ստամոքսը և գտա բոլորն էլ լի բուսական թելիկներով և զանազան ծառերի տերևներով, մասնավորապես ակացիայի տերևներով։ Բարձր գոտիներում նրանք ապրում են գլխավորապես գուայավիտայի թթու և տտիպ հատապտղով. այդ ծառի տակ ես տես ել եմ հսկա կրիաներ և այս մողեսները՝ միասին ուտելիս։ Ակացիայի տերևը ձեռք բերելու համար սրանք սողում են ցածր ու գաճաճ ծառերի վրա, և շատ հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես մի զույգ, գետնից մի քանի ոտնաչափ բարձր ճյուղի վրա նստած, հանգիստ ճարակում են։ Այս մողեսները եփվելիս միսն սպիտակում է, և այդ միսը սիրում են նրանք, որոնց ստամոքսը ոչ մի նախապաշարմունք չի ճանաչում։ Հումբոլտը նկատել է, որ միջարևադարձային Հարավային Ամերիկայում բոլոր այն մողեսները, որոնք ապրում են չոր գոտիներում, նրանց միսը համարվում է ճաշի համեղ բաժինը։ Տեղացիներն ասում են, որ վերևի խոնավ մասերում ապրողները ջուր խմում են, իսկ մյուսները զուրկ են ջրից և խմելու համար կրիաների նման ճանապարհորդում են ցածր չոր տեղերից դեպի աղբյուրները։ Մեր այցելության ժամանակ էգերն իրենց մարմնի մեջ ունեին բազմաթիվ երկարավուն ձվեր, որ ածում էին բներում, տեղացիներն այս ձվերը հավաքում են որպես սնունդ։

Ամբլիրինխի այս երկու տեսակները, ինչպես արդեն նշել եմ, իրենց ընդհանուր կաոուցվածքով և բազմաթիվ սովորություններով համապատասխանում են իրար։ Նրանցից ոչ մեկը չունի այն արագ շարժումը, որն այնքան հատկանշական է Lacerta և Iguana սեռերին։ Սրանք երկուսն էլ խոտակեր են, թեև յուրաքանչյուրի օգտագործած բուսականությունը մյուսի օգտագործածից չափազանց տարբեր է։ Մր. Բելն այդ սեռի անունը տվել է՝ նկատի ունենալով նրանց դնչի կարճությունը, և իսկապես բերանի ձևը գրեթե կարելի է լրիվ համեմատել կրիայի բերանի ձևի հետ։ Մարդ ստիպված ենթադրում է, որ այս մի հարմարեցում է խոտակերի ախորժակին։ Այսպիսով շատ հետաքրքրական է գտնել մի շատ բնորոշ սեռ, որն ունի իր ծովային և ցամաքային տեսակները և պատկանում է աշխարհի մի շատ փոքր և սահմանափակ մասի։ Ջրային կյանքին հարմարված տեսակը շատ ավելի նշանավոր է, որովհետև նա միակ գոյություն ունեցող մողեսն է, որն ապրում է ծովային բուսական պրոդուկտցիաներով։ Ինչպես ես սկզբում ասել եմ, այս կղզիներն այնքան հայտնի չեն սողունների տեսակների թվով, որքան տեսակին պատկանող անհատների բազմազանությամբ։ Երբ մենք հիշում ենք հազարավոր հսկա կրիաների կողմից ծեծված լավ ճանապարհները, բազմաթիվ ծովային կրիաները, ցամաքային աժբլիրինխի կենդանական մեծ բները և ծովային տեսակի խմբերն ամեն մի կղզու ծովեզերյա ժայռերի վրա՝ արևի տակ պառկած, ստիպված ենք ընդունելու, որ աշխարհում ուրիշ ոչ մի անկյուն չկա, որտեղ այս կարգը խոտակեր կաթնասունների այսքան արտակարգ ձևով փոխարինի։ Երկրաբանը լսելով սրա մասին՝ հավանորեն մտքով ետ կգնա դեպի երկրորդական էպոխաները, երբ մողեսները, մի մասը՝ խոտակեր, մի մասը՝ մսակեր և այնպիսի մեծության, որ մեր այժմյան կետերը միայն կարող են մրցել նրանց հետ, վխտում էին ցամաքում ու ծռվում։ Ուստի նրա համար արժե ուշադրությունը դարձնել և այն հանգամանքի վրա, որ այս արշիպելագը խոնավ կլիմայի և բարձր բուսականության փոխարեն ունի վերին աստիճանի չոր գետին և չնայած հասարակածի վրա գտնվելուն՝ զգալիորեն բարեխառն կլիմա։

Նախքան այդ կղզիների կենդանաբանությունը վերջացնելը՝ հիշենք տասնհինգ տեսակ ծովային ձկները, որ ես ձեռք բերի այստեղ։ Սրանք բոլորն էլ նոր տեսակներ են և պատկանում են տասներկու ցեղի, բոլորն էլ չափազանց շատ տարածված են, բացառությամբ պրիոնոտի (Prionotus), որի նախապես հայտնի չորս տեսակներն ապրում են Ամերիկայի արևելյան կողմում։ Ցամաքային խեցիներից հավաքեցի տասնվեց տեսակ (և երկու նշանավոր փոփոխակի, որոնք բոլորն էլ, բացառությամբ մի խխունջի (Helix), որը գտնվում է Տաիտիում, յուրահատուկ են այս արշիպելագին։ Մի անուշ ջրի խեցի (Paludina) տարածված է նաև Տաիտիում և Վանդիմենի երկրում։ Մր. Քըմինգը, նախքան մեր ճանապարհորդությունը, այստեղ ձեռք է բերել իննսուն տեսակ ծովախեցի. սրա մեջ չեն մտնում մի քանի տեսակներ, որոնք պա ականում են Trochus, Turbo, Monodonta և Nassa ցեղերին, որոնք դեռ առանձին ուսումնասիրության չեն ենթարկվել։ Նա բարի գտնվեց ինձ տալու հետևյալ հետաքրքրական արդյունքները. իննսուն խեցիներից ոչ պակաս քան քառասունյոթն այլ տեղերում անհայտ են։ Այս փաստը չափազանց հետաքրքրական է, որովհետև սովորաբար ծովախեցիները շատ լայն տարածում են ունենում։ Քառասուներեք խեցիներից, որոնք գտնվում են և աշխարհի այլ մասերում, քսանհինգն ապրում են Ամերիկայի արևմտյան ափին, և սրանցից ութը հայտնի են որպես փոփոխակ, մնացած տասնութը (ներառյալ մի փոփոխակ) գտել է մր. Քըմինգը Լոուի արշիպելագում և մի քանիսն էլ նաև Ֆիլիպյան կղզիներում։ Ուշադրության արժանի է Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասի կղզիների խեցիների գտնվելն այս մասում, որովհետև հայտնի չէ և ոչ մի ծովախեցի, որը տարածված լինի այդ օվկիանոսի կղզիների և Ամերիկայի արևմտյան ափի վրա։ Բաց ծովի տարածությունը, որն անցնում է արևմտյան ափով հյուսիսից հարավ, բաժանում է երկու բոլորովին տարբեր կոնխոլոգիական պրովինցիաներ, բայց Գալապագոսի արշիպելագում մենք ունենք մի կայան, որտեղ ստեղծվել են բազմաթիվ նոր ձևեր, և ուր այս երկու կոնխոլոգիական պրովինցիաներից յուրաքանչյուրն ուղարկել է մի քանի ներկայացուցիչներ։ Ամերիկյան պրովինցիան նույնպես ուղարկել է իր ներկայացուցիչ տեսակները, որովհետև գոյություն ունի Monoceros-ի գալապագոսյան տեսակը,— մի ցեղ, որը գտնվում է միայն Ամերիկայի արևմտյան ափին, կան նաև Fissurella և Cancellaria ցեղերի գալապագոսյան տեսակներ։ Այս ցեղերը տարածված են արևմտյան ափին, բայց ոչ (ինչպես ինձ տեղեկացնում է մր. Քըմինգը) Խաղաղ օվկիանոսի կենտրոնական կղզիներում։ Մյուս կողմից՝ այստեղ գտնվում են Oniscia և Stylifer ցեղերի գալապագոսյան տեսակները, ցեղեր, որոնք տարածված են Վեստ Ինդիայում և Չինական և Հնդկական ծովերում, բայց բացակայում են և՛ Ամերիկայի արևմտյան ափերին և՛ Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասերում։ Այստեղ կարող եմ ավելացնել այն, որ մր. մր. Քըմինգի և Հինդսի կատարած՝ մոտ երկու հազար խեցիների բաղդատությունից հետո, որոնք հավաքված են եղել Ամերիկայի արևելյան և արևմտյան ափերից, միայն մի խեցի է բնդհանուր եղել, այն է Purpura patula-ն, որն ապրում է Վեստ-Ինդիայում, Պանամայի ափերին և Գալապագոսի կղզիներում։ Այսպիսով, աշխարհի այս մասում մենք ունենք երեք մեծ կոնխոլոգիական ծովային պրովինցիաներ, բոլորովին տարբեր, թեև զարիմանալիորեն իրար մոտիկ, որոնք իրարից բաժանված են հյուսիս—հարավ ձգվող ցամաքի կամ բաց ծովի երկար տարածություններով։

Ինձ մեծ նեղություն պատճառեց միջատներ հավաքելը, բայց, բացառությամբ Հրո Երկրի, այս երկրից միջատներով ավելի աղքատ տեղ երբեք չեմ տեսել։ Մինչև անգամ վերին և խոնավ շրջաններում շատ քիչ միջատներ կարողացա ձեռք բերել, բացառությամբ մի քանի մանր Diptera-ի (երկթև) և Hymenoptera-ի (թաղանթաթև), նրանք մեծ մասամբ ամբողջ աշխարհում տարածված ձևերից են։ Ինչպես առաջուց ասել ենք՝ արևադարձային շրջանի համար այստեղի միջատները ծավալով փոքր են և ունեն մուգ գույն։ Բզեզներից հավաքեցի քսանհինգ տեսակ (չհաշված մի Dermestes և Corynetes, որոնք տարածվում են բոլոր այն վայրերը, որտեղ մի անգամ նավը կանգ է առնում)։ Այո քսանհինգ տեսակից երկուսը պատկանում էին Harpalidae-ին, երկուսը՝ Hydrophilidae-ին, իննը՝ Heteromera-ի երեք ընտանիքներին, իսկ մնացած տասերկուսը՝ նույնչափ տարբեր ընտանիքների։ Միջատների այս հանգամանքը (և ես կարող եմ ավելացնել և բույսերի կարծում եմ, խիստ ընդհանուր է, այսինքն՝ որտեղ նրանք թվով քիչ են, պատկանում են շատ տարբեր ընտանիքների։ Մր. Ուռթըրհաուզը, որը հրատարակել է մի զեկուցագիր[186] այս արշիպելագի միջատների մասին, և որին պարտական եմ վերը բերված մանրամասնությունների համար, ասում է, որ կան մի քանի նոր սեռեր, իսկ այլ տեղերում պատահած տեսակներից մեկը կամ երկուսն ամերիկյան են, իսկ մնացածը տարածված ամբողջ աշխարհում։ Բացառությամբ փայտակեր Apate-ի, ամերիկյան մայր ցամաքի մեկ կամ հավանորեն երկու ջրային բզեզի, բոլոր տեսակները, թվում է, թե նոր են։

Այս խմբի բուսաբանությունը նույնչափ հետաքրքրական է, որչափ կենդանաբանությունը, Դր. Ջ. Հուկերը շուտով „Linnean Transactions”-ում հրատարակելու է այս կղզիների ֆլորայի մասին մի ամբողջական տեղեկագիր, և ես ինձ շատ պարտավորված եմ զգում նրա հանդեպ՝ հետևյալ մանրամասնությունների համար։ Ծաղկաբեր բույսերից, որքան առայժմ հայտնի է, կա 185 տեսակ, իսկ կրիպտոգամային՝ 40, բոլորը միասին՝ 225 տեսակ։ Այսքանից ինձ հաջողվեց տուն բերել 193-ը։ Ծաղկաբեր բույսերից 100-ը նոր տեսակներ են և հավանորեն գտնվում են միայն այս կղզիների վրա։ Դր. Հուկերը հավատացնում է, որ այն բույսերը, որոնք բացառապես այստեղ չեն գտնվում, գոնէ այն 10 տեսակը, որ գտնվել են Չարլզ կղզու մշակված տարածությանը մոտիկ, ներմուծված են։ Զարմանալին այն է, որ ամերիկյան շատ տեսակներ չեն ներմուծվել այստեղ բնականորեն, որովհետև այս արշիպելագն ամերիկյան մայր ցամաքից միայն 500 կամ 600 մղոն է հեռու, և (համաձայն Կոլնետի, էջ 58) լողացող ծառեր, բամբուկ, եղեգ, արմավընկույզներ հաճախ քշվում-բերվում են դեպի հարավ-արևելյան ափերը։ Հարյուր ծաղկաբեր նոր բույսերի համեմատությունը 185-ի նկատմամբ (կամ 175-ի, եթե չհաշվենք մոլախոտերի ներմուծված 10 տեսակները) բավական է, կարծում եմ, որ Գալապագոսի կղզիները համարվեն առանձին բուսաբանական պրովինցիա. բայց այս ֆլորան մոտավորապես այնքան յուրահատուկ չէ, որքան սուրբ Հեղինեի կղզունը կամ, ինչպես տեղեկացնում է դր. Հուկերը, Խուան Ֆերնանդեսինը։ Գալապագոսյան ֆլորայի առանձնահատուկ լինելն ամենից լավ արտահայտվում է որոշ ընտանիքներում. այսպես՝ Compositae-ից կա 21 տեսակ, որից քսանն առանձնահատուկ են այս արշիպելագին։ Սրանք պատկանում են տասներկու սեռի, և այս սեռերից ոչ պակաս քան տասը սահմանափակված են այս արշիպելագում։ Դր. Հուկերն ասում է, որ այս ֆլորան անկասկած ունի արևմտյան ամերիկյան բնույթ, նա չի կարողացել հայտնաբերել որևէ խնամակցություն խաղաղ-օվկիանոսյան ֆլորայի հետ։ Ուստի եթե մենք բացառենք տասնութ ծովային, մեկ անուշջրյա և մեկ ցամաքային խեցիները, որոնք առերևույթ այստեղ են եկել Խաղաղ օվկիանոսի կենտրոնական կղզիներից որպես կոլոնիստներ, նմանապես և գալապագոսյան խայտիտների խմբերից մի տեսակ, որը որոշակի խաղաղ-օվկիանոսյան է, կտեսնենք, որ այս արշիպելագը, որը, թեև գտնվում է Խաղաղ օվկիանոսում, իր կենդանաբանությամբ Ամերիկայի մի մասն է։

Եթե այս բնույթը սոսկ հետևանք լիներ Ամերիկայից կատարված ներգաղթի, ապա նշանակալի քիչ բան կունենար. բայց մենք տեսնում ենք, որ ամբողջ ցամաքային կենդանիների խիստ մեծամասնությունը և ծաղկաբեր բույսերի ավելի քան կեսը բնիկ պրոդուկտներ են։ Առանձնապես զարմանալի է, երբ մարդ գտնում է իրեն շրջապատված նոր թռչուններով, նոր սողուններով, նոր խեցիներով, նոր միջատներով, նոր բույսերով, որոնք իրենց կառուցվածքի անհաշիվ մանր մանրամասնություններով, թռչունների փետրավորումով և ձայնով հիշեցնում են Պատագոնիայի բարեխառն հարթավայրերը կամ հյուսիսային Չիլիի տաք և չոր անապատները։ Ինչո՞ւ ցամաքի այս փոքր կետերում, որոնք մի վերջին երկրաբանական պերիոդում ծածկված պետք է լինեն օվկիանոսով, որոնք կազմված են բազալտային լավայից, որով և երկրաբանական բնույթով տարբերվում են ամերիկյան մայր ցամաքից, և որոնք գտնվում են յուրահատուկ կլիմայական պայմաններում և որոնց վրա, ինչպես կարող եմ ավելացնել, սկզբնական բնակիչները ընտրված են տեսակի և թվի տարբեր պրոպորցիաներով, քան մայր ցամաքի բնակիչները, հետևաբար և իրար վրա ազդում են տարբեր ձևով — ինչո՞ւ այստեղ հիմնական բնակիչները ստեղծվել են ամերիկյան տիպի օրգանիզացիայի համաձայն։ Հավանորեն Կանաչ Հրվանդանի արշիպելագի կղզիներն իրենց ամբողջ ֆիզիկական պայմաններով շատ ավելի մոտիկ են Գալապագոսի կղզիներին, քան վերջիններս ֆիզիկապես նման են ամերիկյան ափին, մինչ երկու խմբերի սկզբնական բնակիչներն ամբողջովին տարբեր են. Կանաչ Հրվանդանի կղզների բնակիչները կրում են Աֆրիկայի կնիքը, ինչպես որ Գալապագոսի կղզիներինը՝ ամերիկականը։

thumb

Ես դեռ չեմ նկարագրել այս արշիպելագի բնապատմության ամենահետաքրքրական կողմը. այդ տարբեր կղզիներն զգալիորեն տարբեր ձևի էակներով բնակեցվելն է։ Աոաջին անգամ իմ ուշադրությունն այս կետի վրա հրավիրել է փոխ-նահանգապետ մր. Լոուսոնը, հայտարարելով, որ տարբեր կղզիների կրիաներն իրարից տարբեր են, և ինքն ամենայն ճշտությամբ կարող է ասել, թե ո՛ր մեկը ո՛ր կղզուց է բերվել։ Սկզբում ես բավարար ուշադրություն չդարձրի այս հայտարարության վրա, և ես մասամբ խառնել էի երկու կղզիներից հավաքած կոլեկցիաները։ Ես երբեք չէի երազում, որ հիսուն կամ վաթսուն մղոն իրարից հեռու գտնվող կղզիները, որոնք մեծ մասամբ երևում են, երբ մեկի վրայից նայում են մյուսի ուղղությանը, և որոնք կազմված են ճիշտ նույն ապառից, գտնվում են բոլորովին նույն կլիմայական պայմաններում, ունեն գրեթե հավասար բարձրություն, կարող էին ունենալ տարբեր բնակիչներ։ Բայց շուտով կտեսնենք, որ այդ այդպես է։ Ճանապարհորդների մեծ մասի բախտն այնպես է, որ հենց որ վայրի ամենահետաքրքրական կողմերը հայտնաբերում են, հեռանում են այնտեղից, բայց ես պարտավոր էի շնորհակալ լինել, որ կարողացա ձեռք բերել բավականին նյութ՝ օրգանական էակների տարածման վերաբերյալ այս ամենաերևելի փաստը հաստատելու համար։

Ինչպես ասացի վերևում, բնակիչները նշում են, որ նրանք կարող են զանազանել տարբեր կղզիների կրիաները, և այդ տարբերությունը գտնում են ոչ միայն ծավալի մեջ, այլ նաև այլ հատկանիշներում։ Կապիտան Պորտերը նկարագրել[187] է Չարլզ կղզու և նրա ամենամոտիկ կղզու, այն է՝ Հուդ Այլենդի կրիաները, որոնց պատյաններն առջևի կողմում հաստ են և վեր դարձա՝ նման սպանական թամբի, մինչ Ջեմս կղզու կրիաները կլոր են և ավելի սև, և եփելուց հետո նրանց միսը համեղ է։ Բացի այդ, մր. Բիբրոն տեղեկացնում է, որ ինքը տեսել է, ինչպես ինքն է արտահայտում, Գալապագոսի կրիաների երկու որոշ տեսակներ, բայց չի իմանում, թև դրանք ո՛ր կղզիներից են։ Իմ բերած նմուշները ես վերցրել էի երեք կղզիներից, որոնք դեռ փոքր էին, և հավանորեն այս հանգամանքի պատճառով ոչ մր. Գրեյը և ոչ ես չէինք կարողանում նրանց մեջ որևէ սպեցիֆիկ տարբերություն գտնել։ Ես նշել եմ, որ ծովային ամբլիրինխը Ալբեմառլի կղզում ավելի մեծ էր, քան որևէ այլ տեղ, և մր. Բիբրոն ինձ տեղեկացնում է, որ ինքը տեսել է այս սեռից երկու որոշակի ջրային տեսակներ. այնպես որ տարբեր կղզիները հավանորեն ունեն ամբլիրինխի իրենց ներկայացուցիչ տեսակը կամ ցեղը, ինչպես որ յուրաքանչյուրն ունի իր կրիան։ Իմ հետաքրքրությունն սկզբում ամբողջովին կլանված էր բազմաթիվ կենդանիների նմուշներն իրար հետ համեմատելով, որոնց խփել էինք ես և նավում եղող իմ ընկերներից մի քանիսը, երբ ի զարմանս իմ նկատեցի, որ Չարլզ կղզուց հավաքածները բոլորը պատկանում էին մի տեսակի (Mimus trifaciatus), Ալբեմառլ կղզունը՝ M. parvulus-ին, իսկ Ջեմս և Չաթեմ կղզիներինը (որոնց միջև գտնվում են երկու կղզի որպես կապակցող օղակներ) — M. melanotis-ին։ Այս վերջին երկու տեսակներն իրար խիստ մոտիկ են, և գուցե շատ թռչնաբաններ նրանց կհամարեին բավականին որոշ ցեղեր կամ փոփոխակներ, իսկ Mimus trifasciattu-ը շատ որոշ է։

Դժբախտաբար սարեկի խմբի նմուշների մեծ մասը խառնվել էին իրար, բայց ես ուժեղ հիմքեր ունեմ կասկածելու, որ Geospiza ենթախմբի տեսակներից մի քանիսը սահմանափակված են առանձին կղզիներում։ Եթե առանձին կղզիներ ունենան իրենց ներկայացուցիչ Geospiza-ները, այդ դեպքում որոշ չափով հնարավոր կլինի բացատրել այս ենթախմբի տեսակների եզակիորեն մեծ թվի գոյությունն այս փոքրիկ արշիպելագում, ինչպես և կտուցների աստիճանավորումը և կառուցվածքը անմիջական հետևանքն է այդ մեծ թվին։ Cactornis ենթախմբի երկու տեսակները և Camarhynchus-ի երկու տեսակները ձեռք են բերվել այս արշիպելագում, և այս ենթախմբի բազմաթիվ նմուշները, որ խփել են չորս կոլեկտոր Ջեմս կղզում, բոլորն էլ պատկանելիս են եղել յուրաքանչյուր ենթախմբի տեսակին. մինչ բազմաթիվ նմուշներ, որ խփել են Չաթեմ կամ Չարլզ կղզու վրա (որովհետև այս երկու խմբերը խառնվել էին իրար), բոլորն էլ պատկանում էին մյուս երկու տեսակներին, այստեղից էլ կարող ենք վստահորեն համոզվել, որ այս կղզիներում կան այս երկու ենթախմբերի ներկայացուցիչ տեսակները։ Ցամաքային խեցիների մոտ բաշխման այս օրենքը թվում է թե լավ չի պահպանվում։ Իմ հավաքած միջատների չափազանց փոքր կոլեկցիայում մր. Ուոթըրհաուզը նկատում է, որ նրանք, որոնց տեղերը նշված են, ոչ մեկն ընդհանուր չէր մինչև անգամ երկու կղզիների համար։

Այժմ եթե դառնանք ֆլորային, կտեսնենք, որ տարբեր կղզիների բնիկ բույսերը զարմանալիորեն տարբեր են։ Հետևյալ ամբողջ տվյալները բերում եմ իմ բարեկամ դր. Հուկերի բարձր հեղինակությունից։

Կղզու անունը Տեսակների
ամբողջ թիվը
Այդ տեսակներից
քանի՞սն են գտնվում
աշխարհի այլ մասերում
Գալապագոսի
արշիպելագում
սահմանափակված
տեսակների թիվը
Միայն մի կղզում
սահմանափակված
տեսակների թիվը
Այն տեսակները,
որոնք գտնվում են
Գալապագոսի արշիպելագում,
բայց տարածված են
մեկից ավելի կղզիների վրա
Ջեմս 71 33 38 30 8
Ալբեմառլ 46 18 26 22 4
Չաթեմ 32 6 16 12 4
Չարլզ 68 39 29 21 8
(կամ 29, եթե
այս թվից հանենք
հավանորեն
ներմուծված բույսերը)

Ես կարող եմ նախօրոք հայտնել, որ ես անխտիր հավաքել եմ տարբեր կղզիների վրա բոլոր բույսերը, և բարեբախտաբար իմ կոլեկցիաներն առանձին եմ պահել։ Շատ հավատ չպիտի ընծայել այս պրոպորցիոնալ արդյունքին, քանի որ այլ բնագետների հավաքած, բերած փոքր կոլեկցիաները, թեև որոշ կողմերով հաստատում են մեր արդյունքը, պարզ ցույց են տալիս, որ այս խմբի բուսաբանության ասպարեզում դեռ շատ բան է մնում կատարելու, ի միջի այլոց, թիթեռնածաղկավորները (Leguminosae) դեռ մոտավորապես են ուսումնասիրված։

Այստեղ մենք ունենք մի իսկապես զարմանալի փաստ, այն է՝ Ջեմս կղզում գալապագոսյան, կամ աշխարհի որևէ այլ մասում չգտնվող երեսունութ բույսերից երեսունը բացառապես սահմանափակված են այս կղզում, իսկ Ալբեմառլ կղզում քսանվեց բնիկ գալապագոսյան բույսերից քսաներկուսը գտնվում են միայն այս մեկ (Ալբեմառլ) կղզում, այսինքն՝ մինչ այժմ հայտնի են միայն չորսը, որոնք աճում են արշիպելագի մյուս կղզիների վրա և այլն, ինչպես այդ ցույց է տրված վերևում բերված աղյուսակում, Չաթեմ և Չարլզ կղզիների բույսերի վերաբերյալ։ Այս փաստը գուցե ավելի պարզ դառնա, եթե բերենք մի քանի օրինակներ — այսպես՝ Scalesia-ն (բարդ ծաղկավորների (Compositae) նշանավոր ծառանման ցեղը) գտնվում է միայն այս արշիպելագում. նա ունի վեց տեսակ — մեկը Չաթեմից, մեկն՝ Ալբեմառլից, մեկը՝ Չարլզ կղզուց, երկուսը Ջեմս կղզուց, իսկ վեցերորդը՝ վերջին երեք կղզիներից մեկն ու մեկի վրա, բայց հայտնի չէ, թև ո՛ր մեկի. այս վեց տեսակներից ոչ մեկը չի աճում երկու կղզիների վրա։ Այնուհետև իշակաթնուկավորներից Euphorbia-ն, մի չափազանց շատ տարածված ցեղ, այստեղ ունի ութ տեսակ, որից յոթն աճում են միայն արշիպելագում և ոչ մեկը մեկից ավելի կղզու վրա չի գտնվում. Acalypha-ն, Borreria-ն, երկուսն էլ ամբողջ աշխարհում տարածված ցեղեր, ունեն վեց և յոթ տեսակ, բայց ոչ մեկը միաժամանակ երկու կղզու վրա չի գտնվում, բացառությամբ մի Borreria-ի, որը գտնվում է երկու կղզում։ Առանձնապես տեղական են բարդ ծաղկավորների (Compositae) տեսակները, և մր. Հուկերն ինձ տրամադրել է տարբեր կղզիների տեսակների տարբերության վերաբերյալ մի քանի այլ, վերին աստիճանի հետաքրքրական փաստեր։ Նա ասում է, որ տարածման այս օրենքը վերաբերում է և՛ արշիպելագում սահմանափակվող ցեղերին, և՛ նրանց, որոնք տարածված են աշխարհի այլ մասերում։ Այդպես նաև մենք տեսանք, որ տարբեր կղզիներն ունեն ամբողջ աշխարհում տարածված կրիաների սեռի իրենց հատուկ տեսակները և լայն չափով տարածված ամերիկյան կեռնեխի սեռի տեսակները, ինչպես և խայտիտների գալապագոսյան ենթախմբերը և ամենայն հավանականությամբ ամբլիրինխի գալապագոսյան ցեղը։ Այս արշիպելագի բնակիչների տարածումն այնքան զարմանալի չէր լինի, եթե, օրինակի համար, մի կղզի ունենար մի կեռնեխ, իսկ մի ուրիշը՝ մի այլ, բոլորովին առանձին ցեղ.— եթե մի կղզի ունենար իր մողեսի ցեղը, իսկ մի երկրորդ կղզի մի այլ առանձին ցեղ կամ բոլորովին չունենար — և կամ եթե տարբեր կղզիներ բնակեցված լինեին ոչ թե միևնույն ցեղի բույսի ներկայացուցիչ տեսակներով, այլ բոլորովին տարբեր ցեղով, որը որոշ չափով համապատասխանում է իրական դրությանը. որովհետև, օրինակի համար, Ջեմս կղզում հատապտղի մի մեծ ծառ չուներ իր ներկայացուցիչ տեսակը Չարլզ կղզում։ Բայց խնդիրն այն է, որ կղզիներից մի քանիսն ունեն կրիաների, կեռնեխների, խայտիտների և բազմաթիվ բույսերի իրենց սեփական տեսակները, այս տեսակներն էլ ունեն միևնույն ընդհանուր սովորությունները, գրավում են անալոգ տեղ և ակներևաբար բռնում միևնույն տեղն այս արշիպելագի բնական տնտեսության մեջ, որն ապշեցուցիչ կերպով զարմացնում է ինձ։ Գուցե մեկը կասկած հայտնի, որ այս ներկայացուցիչ տեսակներից մի քանիսը, առնվազն կրիան և մի քանի թռչուններ, հետագայում կապացուցվի, որ սոսկ լավ նշված ցեղեր են. այս նույնչափ հետաքրքրական կլինի փիլիսոփա բնագետի համար։ Ասել եմ արդեն, որ կղզիներն այնքան մոտիկ են իրար, որ մեծ մասամբ մեկի վրայից կարելի է տեսնել մյուսը. Չարլզ կղզին Չաթեմի ամենամոտիկ կետից հիսուն մղոն է հեռու, իսկ Ալբեմառլից՝ երեսունհինգ։ Չաթեմը Ջեմս կղզու ամենամոտիկ մասից վաթսուն մղոն է հեռու, բայց նրանց միջև գտնվում են երկու միջանկյալ կղզի, ուր ես չայցելեցի։ Ջեմս կղզին Ալբեմառլից տասը մղոն է հեռու, բայց այն երկու կետերը, որտեղ ես կազմեցի իմ կոլեկցիան, իրարից երեսուներկու մղոն են հեռու։ Ես պիտի կրկնեմ, որ ոչ հողի բնույթը, ոչ ցամաքի բարձրությունը, ոչ կլիման և ոչ էլ ընկերակցած կենդանիների ընդհանուր խարակտերը, հետևաբար և նրանց ազդեցությունն իրար վրա չեն կարող այսպիսի մեծ տարբերություններ առաջացնել տարբեր կղզիների վրա։ Եթե նրանց կլիմաների մեջ լինի զգալի տարբերություն, ապա այդ տարբերությունը կարելի է գտնել միայն կղզիների այն երկու խմբերի միջև, որոնցից մեկից փչում է քամին (Չաթեմ և Չարլզ կղզիներ), իսկ մյուսը գտնվում է այն ուղղության վրա, դեպի ուր փչում է քամին, բայց թվում է թե այս արշիպելագի երկու կեսերում պրոդուկցիաների մեջ համապատասխան տարբերություն չկա։

Միակ լույսը, որ ես կարող եմ սփռել տարբեր կղզիների բնակիչների այս նշանակալի տարբերության վրա, այն է, որ ծովի այն չափազանց ուժեղ հոսանքները, որոնք անցնում են արևմտյան և արևմտա-հյուսիս-արևմտյան ուղղությամբ, պետք է, ինչ չափով որ այդ վերաբերում է ծովով փոխադրվելու խնդրին, հարավային կղզիները բաժանեն հյուսիսայիններից, և այս հյուսիսային կղզիների մեջ նկատվել է հյուսիս-արևմտյան ուժեղ քամի, որը խիստ կերպով բաժանում է Ջեմս և Ալբեմառլ կղզիները։ Որովհետև արշիպելագն զգալիորեն ազատ է ուժեղ հողմերից, հետևաբար քամին չէր կարող մի կղզուց մյուսը թռցնել ոչ թռչուն, ոչ միջատ, և ոչ էլ նույնիսկ թեթև սերմեր։ Վերջապես կղզիների միջև գոյություն ունեցող, նեղուցների խորությունը և նրանց առերևույթ վերջին ժամանակների (երկրաբանական իմաստով) հրաբխային ծագումը գրեթե վերացնում են այդ կղզիները երբևէ իրար միացած. լինելու որևէ կասկած, և այս հանգամանքը հավանորեն շատ ավելի կարևոր է, քան որևէ այլ պայման՝ նրանց օրգանական էակների աշխարհագրական տարածման տեսակետից։ Երբ մեկն ամփոփում է այստեղ բերված փաստերը, զարմանում է ստեղծագործական ուժի այն քանակի վրա, եթե կարելի է այսպես արտահայտել, որը հանդես է բերվել այս փոքր, լերկ և ժայռոտ կղզիների վրա, մանավանդ երբ նկատի ես ունենում նրա տարբեր, բայց անալոգ ազդեցությունն իրար այդքան մոտիկ կետերի վրա։ Ես ասել եմ, որ Գալապագոսի արշիպելագը կարելի էր անվանել մի արբանյակ՝ միացած Ամերիկային, բայց ավելի ճիշտ կլինի անվանել արբանյակների մի խումբ, որոնք ֆիզիկապես նման են օրգանիզմներով տարբեր, բայց ներքին կողմերով իրար սերտ ազգակից, իսկ բոլորը նշանակալի կերպով, թեև նվազ աստիճանի, ազգակից ամերիկյան մեծ կոնտինենտին։

Եզրափակենք այս կղզիների բնապատմության նկարագրությունը թռչունների վերին աստիճանի հանդարտ և մարդընտել բնավորությամբ։

Այս տրամադրությունն ընդհանուր է բոլոր ցամաքային տեսակներին, այն է՝ կեռնեխներին, խայտիտներին, ցախսարեկներին, բռնակալ ճանճորսներին, աղավնիներին և գիշակեր հավկուլներին։ Սրանք բոլորն էլ հաճախ այնքան մոտիկ էին գալիս, որ կարելի էր ճիպոտով սպանել, իսկ երբեմն էլ, ինչպես ինքս փորձել եմ, գլխարկով։ Հրացանն այստեղ գրեթե ավելորդ է, որովհետև հրացանի փողով ես բազեն քշեցի ծառի ճյուղից։

Մի օր, երբ պառկած էի՝ կրիայի պատյանից պատրաստած ջրամանը ձեռիս, մի կեռնեխ իջավ նրա շրթին և սկսեց արագորեն ջուրը խմել։ Ես սկսեցի ամանը հետզհետե գետնից բարձրացնել, բայց նա չթռավ. հաճախ ես փորձում էի և գրեթե հաջողվում էր ինձ այս թռչուններին ոտքերից բռնել։ Ըստ երևույթին առաջ այս թռչուններն ավելի հանդարտ են եղել, քան այժմ։ Կոուլին (1684 թվին) ասում է, որ «տատրակներն այնքան մոտիկանում էին մարդկանց, որ հաճախ իջնում էին մեր գլխարկներին և թևերին, այնպես որ մենք կարող էինք նրանց կենդանի բռնել. նրանք չէին վախենում մարդկանցից, մինչև որ մեր խմբի անդամներից մի քանիսը կրակեցին նրանց վրա, որից հետո նրանք երկչոտ և զգուշ դարձան»։ Դամպիեն նույնպես միևնույն տարում հիշատակում է, որ մեկն առավոտյան զբոսանքի ընթացքում կարող էր սպանել այս աղավնիներից վեց-յոթ դյուժին։ Այժմ, թեև ճիշտ է, չեն փախչում մարդկանցից, բայց չեն էլ իջնում մարդկանց թևերին և ոչ էլ այդքան հեշտ կոտորվում են այդպես մեծ թվով։ Զարմանալին այն է, որ դեռ չեն վայրենացել, որովհետև վերջին հարյուր հիսուն տարին շատ հաճախ այս կղզիներն են այցելել բուկանյերները և կետորսները, իսկ նավաստիներն անտառներում կրիա որոնելիս մի անգութ զվարճությամբ սպանում են այս փոքրիկ թռչուններին։

Թեև այս թռչուններն այժմ ավելի շատ են հալածվում, բայց հեշտությամբ չեն վայրենանում. Չարլզ կղզում, որի վրա արդեն վեց տարի էր, որ մարդ էր ապրում, ես տեսա մի տղա՝ գետակի կողքին նստած, ճիպոտը ձեռքին, որով նա աղավնիներ ու խայտիտներ էր սպանում, երբ վերջիններս գալիս էին ջուր խմելու։ Նա արդեն հավաքել էր այս խփված թռչուններից մի փոքրիկ կույտ իր ճաշի համար, և նա ասում էր, որ ինքը միշտ զբաղվում է այդ գործով, միևնույն տեղում։ Թվում է թե այս արշիպելագի թռչունները դեռ չսովորելով, որ մարդն իրենց համար ավելի վտանգավոր կենդանի է, քան կրիան կամ ամբլիրինխը, արհամարհում են նրան, ճիշտ այնպես, ինչպես Անգլիայում երկչոտ թռչունները, ինչպես, օրինակ, անծեղները, արհամարհում են դաշտում արածող կովերին ու ձիերին։

Ֆալկլանդական կղզիները մի երկրորդ օրինակ են ներկայացնում նման տրամադրության թռչունների։ Փոքրիկ Opetiorhynchus-ի արտակարգ հանգիստ տրամադրությունը և մարդընտելությունը նկատել են Պեռնետին, Լեսոնը և այլ ճանապարհորդներ։ Միայն այս թռչունը չէ, որ այսպես է, Polyborus-ը, աքարը, բարձրավանդակների և հարթավայրերի սագը, կեռնեխը, տորդիկը և մինչև անգամ մի քանի իսկական բազե — բոլորն էլ ավելի կամ նվազ չափով մարդընտել են։ Որովհետև թռչուններն այդքան հեզ են Ֆալկլանդական կղզիներում, որտեղ կա աղվես, բազե, բու, ուստի չենք կարող ենթադրել, որ Գալապագոսի թռչունների մարդընտելությունն արդյունք է գիշատիչ կենդանիների բացակայության։ Ֆալկլանդական կղզիների լեռնային սագերն զգուշության համար բները շինում են փոքր կղզյակների վրա, այդ ցույց է տալիս, որ նրանք տեղյակ են աղվեսներից սպասվող վտանգին, բայց և այնպես նրանք մարդու նկատմամբ վայրի չեն դարձել։ Թռչունների այս հեզությունը, մասնավորապես ջրահավինը, Հրո Երկրի միևնույն տեսակների սովորությունների կատարյալ հակապատկերն է այստեղ, որովհետև այնտեղ (Հրո Երկրում) դարերով նրանք հալածվել են վայրենի բնակիչներից։ Ֆալկլանդական կղզիներում որսորդը մի օրում ավելի շատ լեռնային սագ է սպանում, քան կարող է շալակով տանել տուն, մինչդեռ Հրո Երկրում գրեթե նույնքան դժվար է մի սագ սպանել, որքան Անգլիայում հասարակ վայրի սագ սպանելը։

Պեռնետիի ժամանակ (1763 թ.) այնտեղի բոլոր թռչունները պետք է ավելի հեզ եղած լինեին, քան այժմ, նա նշում է, որ Opetiorhynchus-ը համարյա թե թառում էր իր մատներին, և նա կես ժամում ձեռնափայտով սպանել է տասը հատ։ Այն ժամանակ թռչուններն այնտեղ այնպես հանդարտ պետք է եղած լինեն, ինչպես այժմ Գալապագոսի կղզիներումն են։ Այնպես է երևում, որ այս վերջին կղզիներում ավելի դանդաղ են զգուշություն սովորում, քան Ֆալկլանդական կղզիներում, որտեղ նրանք համեմատաբար փորձառության ավելի մեծ միջոցներ են ունեցել, որովհետև, բացի նավերից կատարվող հաճախակի այցելություններից, այդ կղզիները որոշ ինտերվալներով բնակեցված են եղել գաղթականներով։ Մինչև, անգամ առաջներում, երբ բոլոր թռչունները համեմատաբար շատ ավելի նկուն են եղել, ըստ Պեռնետիի՝ հնարավոր չի եղել սպանել սև վզով կարապ. այս թռչունը եղել է չվող թռչուն և հավանորեն օտար երկրներում ձեռք բերած խելացիությունն իր հետ բերել է այստեղ։

Համաձայն Դյու Բուայի՝ 1571—72 տարիներին Բուրբոնի բոլոր թռչունները, բացառությամբ ֆլամինգոների և սագերի, այն աստիճանի հեզ էին, որ բռնվում էին մինչև անգամ ձեռքով, կամ հնարավոր էր փայտով սպանել ուզած չափով։ Այդպես նաև, Ատլանտյան օվկիանոսի Տրիստան Դակունյա կղզիներում, նշում է Կարմիչելը,[188] միակ երկու ցամաքային թռչունները՝ կեռնեխը և տորդիկը, «այնքան հանգիստ էին, որ ձեռքի ցանցով բռնվում էին»։ Այս մի քանի փաստերից ելնելով մենք կարող ենք եզրակացնել. առաջին՝ թռչունների վայրենությունը մարդու նկատմամբ մի յուրահատուկ բնազդ է՝ ուղղված նրա դեմ, և կախված չէ այլ վտանգների աղբյուրից առաջացած զգուշության մի ընդհանուր աստիճանից. երկրորդ՝ որ այդ բնազդը կարճ ժամանակում ձեռք չեն բերում անհատ թռչունները, մինչև անգամ եթե վերջիններս ենթարկվեն ուժեղ հալածանքների. բայց մի քանի սերունդների ընթացքում այդ դառնում է ժառանգական։ Ընտանի կենդանիների մոտ մենք վարժված ենք տեսնելու նոր մտային սովորությունների կամ բնազդների ձեռքբերում, որ ժառանգաբար անցնում է սերունդներին, բայց բնական վիճակում գտնվող կենդանու մոտ միշտ չափազանց դժվար է հայտնաբերել ձեռքբերովի ժառանգական բնազդների օրինակներ։ Ինչ վերաբերում է թռչունների վայրենիությանը մարդու նկատմամբ, այդ մասին ոչ մի բացատրություն չի կարող լինել բացի ժառանգական սովորություն համարելուց։ Անգլիայում որևէ տարում թռչունների համեմատաբար շատ քիչ ձագեր են վնասվել մարդու կողմից, մինչ գրեթե բոլոր ձագերը, մինչև անգամ բներում գտնվողները վախենում են մարդուց. մյուս կողմից՝ բազմաթիվ թռչուններ և՛ Գալապագոսի, և՛ Ֆալկլանդական կղզիներում հալածվում և վնասվում են մարդուց, այնուամենայնիվ իրենց համար կենսական նշանակություն ունեցող վախը և մարդուց խույս տալը դեռ չեն սովորել։ Այս փաստերից կարող ենք եզրակացնել, թե ի՜նչ մեծ կոտորած կարող է առաջացնել մի գիշատիչ գազանի ներմուծումը մի երկիր՝ նախքան տեղական բնակիչների բնազդի հարմարեցումն օտարականի ճարպկությանը կամ ուժին։


ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՏԱԻՏԻ ԵՎ ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ

Ցածրադիր արշիպելագով անցնելը.— Տաիտի.— Ընդհանուր տեսարանը.— Բուսականությունը լեռներում.— Էյմեոյի տեսարանը.— Էքսկուրսիա դեպի կղզու խորքերը.— Խորը ձորեր.— Ջրվեժների շարք.— Օգտակար վայրի բույսերի թիվը.— Բնակիչների ժուժկալությունը.— Նրանց բարոյական վիճակը.— Պառլամենտի գումարումը.— Նոր Զելանդիա.— Կղզիների ծոցը.— Հիպահներ.— Էքսկուրսիա դեպի Ուեյմետ.— Անգլիական մոլախոտեր՝ այստեղ վայրենացած.— Ուեյոմիո.— Նոր զելանդացի մի կնոջ հուղարկավորությունը.— Դեպի Ավստրալիա։

Վերջացնելով Գալապագոսի արշիպելագի հետազոտությունը, ուղղվեցինք դեպի Տաիտի և սկսեցինք մեր 3200 մղոն երկարության ճանապարհը։ Մի քանի օրվա ընթացքում դուրս եկանք օվկիանոսի մռայլ և ամպոտ շրջանից, որը ձմեռը Հարավային Ամերիկայի ափերից տարածվում է բավականին հեռու, օվկիանոսի խորքերը։ Այնուհետև մենք վայելում էինք պայծառ և պարզ եղանակ և օգտագործելով պասատային քամու ուղղությունը՝ օրական անցնում էինք 150-ից մինչև 160 մղոն հաճելի ճանապարհ։ Խաղաղ օվկիանոսի այս համեմատաբար կենտրոնական մասում ջերմաստիճանն ավելի բարձր է, քան ամերիկյան ափի մոտ։ Ջերմաչափը նավի հետակողմյան սենյակում գիշեր-ցերեկ ցույց էր տալիս 80°—83°-ը, որը չափազանց հաճելի է. իսկ եթե մեկ կամ երկու աստիճան ավելի բարձր է լինում, շոգն անտանելի է դառնում։ Անցանք ցածրադիր կամ Վտանգավոր արշիպելագով և տեսանք այդ վերին աստիճանի հետաքրքրական կորալային ցամաքի օղակներից մի քանիսը, որոնք հազիվ մի քիչ բարձրացել էին ջրից և որոնք կոչվում էին լագունային կղզիներ։ Մի երկար և շողշողուն սպիտակությամբ ծովեզրը եզրապատված է կանաչ բուսականության երիզով, և այդ շերտը, ինչ ուղղությամբ էլ նայենք, արագորեն նեղանում է հեռավորության մեջ և սուզվում հորիզոնի տակ։ Օղակի մեջ, կայմի գլխից, կարելի է տեսնել հարթ մակերեսով ջրի մի ընդարձակ տարածություն։ Այս ցածր, սնամեջ կորալային կղզիները չափազանց փոքր տարածություն են բռնում՝ անծայրածիր օվկիանոսի հետ համեմատած, որի միջից դիք բարձրանում են վեր, զարմանալի է, որ այսպիսի թույլ նվաճողները կուլ չեն գնացել այդ մեծ օվկիանոսի անդադրում և ամենազոր ալիքներին,— մի օվկիանոս, որին սխալմամբ «Խաղաղ» անունն են տվել։

Նոյեմբերի 15.— Լուսաբացին երևաց Տաիտին,— մի կղզի, որն ընդմիշտ մնալու է կլասիկ, Հարավային օվկիանոսում ճանապարհորդողի համար։ Հեռվից նրա տեսքը հրապուրիչ չէր։ Ստորին մասերի շքեղ բուսականությունը դեռ. չէր երևում, և երբ ամպերը ցրվեցին, վերին աստիճանի վայրի և գահավեժ կատարները երևացին կղզու կենտրոնում։ Դեռ նոր էինք խարիսխ գցել Մատավաի ծոցում, երբ տեսանք, որ մենք շրջապատված ենք նավակներով։ Այդ որը մեզ համար կիրակի էր, իսկ տաիտցիների համար՝ երկուշաբթի։ Եթե հակառակը լիներ, մեզ չէր այցելի և ոչ մի նավակ, որովհետև բոլոր խիստ հնազանդվում են կիրակի օրը ոչ մի նավակ ծովը չհանելու հրամանին։ Ճաշից հետո ափ դուրս եկանք՝ մի նոր երկրի առաջին տպավորության առաջացրած բերկրանքը վայելելու, մանավանդ եթե այդ նոր երկիրը Տաիտիի նման մի հմայիչ կղզի է։ Մարդկանց, կանանց և երեխաների մի բազմություն հավաքված էր հիշատակության արժանի Վեներայի հրվանդանում՝ մեզ ծիծաղով և ուրախ դեմքով ընդունելու համար պատրաստ։ Նրանք խմբով մեզ առաջնորդեցին մր. Ուիլսոնի տունը — այդ շրջանի միսիոնարի, որը հանդիպեց մեզ ճանապարհին և ցույց տվեց վերին աստիճանի սիրալիր ընդունելություն։ Կարճ ժամանակով նրա տանը նստելուց հետո դուրս եկանք և ցրվեցինք զանազան ուղղությամբ՝ զբոսնելու համար, և վերադարձանք երեկոյան։

Մշակության հարմար հող ամեն տեղ կազմում են ցածրադիր ալուվիալ գետնի նեղ շերտերը, որոնք կուտակվում են ստորոտում, լեռների շրջապատում և պաշտպանված են ծովի ալիքներից կորալային ռիֆերով, որոնք շրջապատում են կղզու ամբողջ ծովափը։ Ռիֆի ներսում խաղաղ ջրի մի բավականին ընդարձակ տարածություն կա՝ լճի նման, որտեղ տեղացիների նավակներն ապահով ապաստան են գտնում, ու որտեղ նավերը խարիսխ են գցում։ Հարթավայրը, որը տարածվում է մինչև կորալային ավազից կազմված ծովափը, ծածկված է միջարևադարձային գոտու ամենագեղեցիկ արտադրանքներով։ Բանանների, նարնջի, կոկոսյան ընկույզի, հացապտուղ ծառերի միջև կան մաքրված տեղեր, որտեղ մշակում են dioscorea-ներ, քաղցր կարտոֆիլ, շաքարեղեգ և արքայախնձոր. մինչև անգամ թփուտ գուավան, ներմուծված պտղատու մի ծառ, որն այնքան շատ է տարածված, որ մոլախոտի չափ վնասակար է դարձել։ Բրազիլիայում ես հաճախ սքանչացել եմ բանանների, արմավենիների և նարնջի ծառերի բազմապիսի գեղեցկություններով, որոնք իրար նկատմամբ հակապատկեր են ներկայացնում. այստեղ էլ, բացի այդ բոլորից, կա և հացապտուղ, որը հայտնի է իր մեծ, շողշողուն և խորը կտրտված մատնաձև տերևներով։ Մարդ հիանում է, երբ տեսնում է մի պուրակ, որի ծառերն անգլիական կաղնու նման փարթամորեն տարածում են իրենց ճյուղերն ամեն ուղղությամբ՝ բեռնավորված մեծ և վերին աստիճանի սննդարար պտուղներով։ Թեև հազվադեպ է պատահում, որ առարկայի օգտակարությունը գոհունակության հիմնական պատճառը կազմի, բայց այս գեղեցիկ ծառերի դեպքում նրանց բարձր արդյունավետության մասին մեր ունեցած գաղափարը, անկասկած, մեծ չափով մասնակցում է հիացմունքի զգացողություն առաջացնելու խնդրում։ Փոքրիկ շրջապտույտ շավիղները, շրջապատող ստվերից զովացած, տանում են դեպի ցրված տները, որոնց տերերն ամենուրեք մեզ ցնծալից և վերին աստիճանի հյուրընկալ ընդունելություն էին ցույց տալիս։

Ոչ մի բան ինձ այնքան դուր չէր դալիս, որքան բնակիչները։ Նրանց դեմքին արտահայտվում է մեղմություն, որն անմիջապես մարդու մտքից հեռացնում է վայրենու գաղափարը, նրանց ուշիմությունը ցույց է տալիս, որ նրանք առաջադիմում և քաղաքակրթվում են։ Հասարակ ժողովուրդն աշխատանքի ժամանակ մարմինը վերևի մասում բոլորովին մերկ է պահում, և այս ժամանակ է, որ երևում է տաիտցու առավելությունը։ Սրանք շատ բարձրահասակ են, թիկնեղ, ատլետիկ և համաչափ կազմվածքով։ Նկատված է, որ շատ կարճ ժամանակ է պետք, որ եվրոպացու աչքին մորթի մութ գույնն ավելի հաճելի և բնական թվա, քան իր սեփական գույնը։ Սպիտակամորթը տաիտցու հետ լողալիս նման էր պարտիզպանի կողմից արհեստականորեն գունաթափված ծառին՝ համեմատած գեղեցիկ մութ կանաչ ծառերի հետ, որոնք փարթամ աճում են բաց դաշտում։ Մարդիկ մեծ մասամբ իրենց մարմնի վրա վիտվածքներ ունեն (մարմնի վրա նախշեր՝ ասեղով և թանաքով արած), և այդ նախշերը մարմնի կորությամբ այնպես շնորհալի են անցնում, որ չափազանց վայելուչ տպավորություն են թողնում։ Մի հասարակ նմուշ, տարբերվելով իր մանրամասնություններով, որոշ բաներով նման էր արմավենու պսակի։ Նա սկսվում էր թիկունքի կենտրոնական գծից և շնորհալի կերպով գալարվում երկու կողմերում։ Որչափ էլ ֆանտաստիկ համարվի, բայց այսպիսի զարդերով զարդարված մարմինը ես նմանեցնում էի մի հոյակապ ծառի բնի՝ նուրբ սողացողներով փաթաթված։

Ծերերից շատերի ոտքերը ծածկված էին փոքրիկ պատկերներով, և այնպես էին ծածկել, որ նման էր գուլպայի։ Այս սովորությունը, ի միջի այլոց, մասամբ վերացել է և փոխարինվել ուրիշ սովորություններով։ Թեև այստեղ մոդան փոփոխական է, բայց ամեն ոք պահում է այն մոդան, որը գերակշռել է նրա երիտասարդության ժամանակ։ Այսպիսով, մի ծեր մարդ իր տարիքն ընդմիշտ դըոշմած կլինի իր մարմնի վրա, և նա չի կարող երիտասարդ պճնասերի տեսք ունենալ։ Կանայք ևս, տղամարդկանց նման, մարմնի վրա կրում են այդպիսի նախշեր, մասնավորապես մատների վրա։ Չափազանց շատ տարածված է մի անվայելուչ մոդա, այն է՝ գլխի միայն գագաթի մազերը կլոր ձևով կտրելը, այնպես որ շրջապատի մնացած մազերն օղակ կազմեն։ Ես հուսախաբված էի կանանց արտաքին տեսքից. նրանք բոլոր կողմերով տղամարդկանցից շատ ետ են մնում։ Նրանք գլխի հետևից կամ ականջի բլթակի մեջ բացած անցքով անց են կացնում սպիտակ կամ բոսորագույն ծաղիկ, որը բավականին գեղեցիկ տեսք է տալիս նրանց։ Գլխներին դնում են նաև կոկոսյան ընկույզի տերևներից գործած մի թագ, որը պաշտպանում է աչքերն արևից։ Երևում էր, որ կանայք ավելի մեծ կարիք ունեին պատշաճ հագուստի, քան մարդիկ։

Գրեթե բոլոր բնակիչները քիչ անգլերեն հասկանում են, այն է՝ նրանք գիտեն հասարակ իրերի անունները, և նրանց գիտեցածի և նշանների միջոցով հնարավոր էր որոշ կոտրած խոսակցություն։ Երեկոյան նավակը վերադառնալիս կանգ առանք մի շատ գեղեցիկ տեսարան դիտելու։ Բազմաթիվ երեխաներ խաղում էին ծովեզրում և պատրաստել էին խարույկներ, որոնք լուսավորում էին հանդարտ ծովը և շրջապատի ծառերը, մի այլ տեղ շրջաններ կազմած՝ տաիտական տաղեր էին երգում։ Մենք նստեցինք ավազի վրա և միացանք նրանց խմբին։ Նրանք երգում էին չնախապատրաստած երգեր, երևի մեր գալստյան առթիվ էր այդ. մի փոքրիկ աղջիկ երգեց մի տաղ. նրան ձայնակցեցին մնացածները՝ կազմելով մի շատ գեղեցիկ խմբերգ։ Ամբողջ տեսարանը պարզ գիտակցել էր տալիս մեզ, որ մենք գտնվում ենք հեռու, հռչակավոր հարավային ծովի կղզիներից մեկի ծովեզրին։

Նոյեմբերի 17.— Այս օրը նավային ժուռնալում հաշվվում է երեքշաբթի, ամսի 17-ը, և ոչ երկուշաբթի՝ 16-ը։ Այդ հետևանք էր մեր այդպես հաջող և այդքան հեռու, արևի հետևից վազելուն։ Նախքան նախաճաշը, նավը շրջափակված էր նավակների մի փոքրիկ նավատորմով, և երբ թույլ տրվեց տեղացիներին նավ բարձրանալ, ենթադրում եմ, որ բարձրացողների թիվը երկու հարյուրից պակաս չէր։ Մեզնից յուրաքանչյուրն այնպես էր կարծում, որ դժվարությամբ հնարավոր կլիներ մի այլ ազգից ընտրել այդ թվով մարդիկ, որոնք այդքան քիչ նեղություն պատճառեին։ Ամեն մեկը մի բան բերել էր ծախելու. առևտրի գլխավոր ապրանքը խեցիներն էին։ Տաիտցիներն այժմ լավ են հասկանում փողի արժեքը և նախընտրել են հին շորերի կամ այլ նյութերի փոխարեն փող վերցնել։ Սակայն մետաղյա տարբեր դրամները, անգլիական և սպանական, շփոթեցնում են նրանց, և նրանք, թվում է թե, երբեք փոքրիկ արծաթյա դրամն ապահով չեն համարում, մինչև որ վերջինս դոլարի չվերածեն։ Առաջնորդներից մի քանիսն զգալի գումարով փող ունեն կուտակած։ Շատ ժամանակ չի անցել, որ մի առաջնորդ մի փոքր նավի համար առաջարկում էր 800 դոլար (մոտ 100 ֆունտ ստերլինգ), և հաճախ նրանք կետորսական նավակներ կամ ձիեր են գնում՝ 50-ից մինչև 100 դոլարով։

Նախաճաշից հետո գնացի ծովափ և բարձրացա ամենամոտիկ լանջով՝ երկուսից երեք հազար ոտնաչափ բարձրություն ունեցող մի լեռ։ Արտաքին լեռները ողորկ են և կոնաձև, բայց զառիվայր, և հին հրաբխային ժայռերը, որոնցից կազմված են սրանք, կտրտված են բազմաթիվ խորը կիրճերով, կղզու կենտրոնական խորտուբորտ մասերից տարածվելով մինչև ծովափը։ Անցնելով արգավանդ և բնակեցված նեղ ու ցածր գոտին, սկսեցի բարձրանալ ողորկ, բայց դիք լեռը, որը գտնվում էր երկու խորը կիրճերի միջև։ Բուսականությունը բավականին տարօրինակ էր, բաղկացած գրեթե բացառապես փոքր, գաճաճ ձարխոտից, որոնց միջից բարձրանում էր կոշտ կանաչը։ Այդ այնքան էլ չէր տարբերվում Ուելսի բլուրների վրայի բուսականությունից, և այդ խղճուկ բուսականությունը ծովափի արևադարձային մրգի այգիների ծառերից շատ քիչ էր հեռու,— մի հանգամանք, որ մեզ պակաս զարմանք չէր պատճառում։ Ամենաբարձր կետում նորից ծառեր երևացին։ Երեք զոնաների բուսականության համեմատական փարթամությունը բացատրվում է նրանով, որ ստորին մասն իր խոնավությունը, հետևաբար և բերրիությունը, պարտական է իր հարթ մակերեսին, որովհետև լինելով շատ ցածր, գրեթե ծովի մակերևույթին հավասար, բարձր վայրերի ջուրը դանդաղ ծծվում է նրա մեջ։ Միջին գոտին վերևինի նման չի հասնում խոնավ և ամպամած մթնոլորտին, այդ պատճառով էլ չոր է մնում։ Վերին գոտու անտառը չափազանց գեղեցիկ է. այստեղ ծառապտերներին փոխարինում են ծովափի կոկոսյան ընկույզի ծառերը։ Պետք է սակայն ենթադրել, որ այս անտառները շքեղությամբ կարող են համեմատվել բրազիլիական անտառների հետ։ Պրոդուկցիաների այն ահռելի թիվը, որը բնորոշում է մի մայր ցամաք, չի կարելի սպասել մի կղզուց։

Իմ հասած ամենաբարձր կետից երևում է Էյմեո կղզու գեղեցիկ տեսարանը. այդ կղզին ևս Տաիտիի հետ գտնվում էր միևնույն գերիշխանության տակ։ Բարձր և սրակատար, խորտուբորտ լեռները ծածկվել էին սպիտակ մասսիվ ամպերով, որոնք կապույտ երկնքի մեջ կազմել էին մի կղզի, ինչպես Էյմեոն՝ կապույտ օվկիանոսում։ Կղզին, բացառությամբ մի փոքր դարպասանման անցքի, ամբողջովին շրջապատված է ռիֆով։ Այս հեռավորության վրա միայն նկատվում էր նեղ, բայց որոշակի շողշողուն սպիտակությամբ մի գիծ, որտեղ առաջին անգամ ալիքները հանդիպում են կորալե պատին։ Լեռները գահավեժ բարձրանում էին այս նեղ սպիտակ գծում պարփակված լագունի ապակյա տարածության միջից, որից դուրս մթագնել էր օվկիանոսի հևացող ջուրը։ Տեսաբանը տպավորիչ էր. կարելի է այդ շատ լավ համեմատել շրջանակված փորագրի հետ, որտեղ շրջանակը ներկայացնում են կոհակները, թղթի եզրերը՝ ոշորկ լագունը, իսկ փորագիրը՝ ինքը կղզին; Երբ երեկոյան իջա սարից, մի մարդ, որին ես հաճոյացրել էի մի շատ փոքրիկ նվերով, հանդիպեց ինձ, բերելով իր հետ խորոված տաք բանան, արքայախնձոր (անանաս) և կոկոսյան ընկույզ։ Այրող արևի տակ քայլելուց հետո ես չգիտեմ մի բան, որ ավելի ախորժելի լինի, քան մատղաշ կոկոսյան ընկույզի կաթը։ Արքայախնձորն այստեղ այնքան առատ է, և մարդիկ այնպես շռայլ են գործածում, ինչպես մենք՝ բողկը։ Սրանք գերազանցապես համեղ են և անուշաբույր — գուցե ավելի լավ, քան Անգլիայում մշակվածները, և, կարծում եմ, որ այս ամենաբարձր գովասանքն է, որ ես կարող եմ անել որևէ պտղի նկատմամբ։ Նավը մտնելուց առաջ մր. Ուիլսոնը մի քանի բան թարգմանեց իմ կողմից մի տաիտցու, որն ինձ այնպես ճարպիկ ուշադրություն էր դարձրել, որ ես ուզում էի՝ նա և մի այլ մարդ ընկերակցեն ինձ՝ դեպի լեռները մի կարճ էքսկուրսիա կատարելու համար։

Նոյեմբերի 18.— Առավոտյան կանուխ ափը եկա՝ պարկով ինձ հետ բերելով որոշ պրովիզիա և երկու ադեալ, ինձ ու իմ ծառայի համար։ Սրանք կապված էին մի երկար ձողի երկու ծայրերին, որը փոխեփոխ իրենց ուսերի վրա տանում էին իմ տաիտցի ընկերները։ Այս մարդիկ վարժված են այսպես ամբողջ օրը շալակելու, ձողի յուրաքանչյուր ծայրին հիսուն ֆունտ կապելով։ Ես իմ այդ առաջնորդներին նախազգուշացրի, որ իրենց հետ ուտելիք և հագուստ վերցնեն, բայց նրանք պատասխանեցին, որ լեռներում ուտելիք շատ կա, իսկ ինչ վերաբերում է հագուստին, իրենց մորթը բավական է։ Մեր մարշրուտը Տիա-աուրու հովիտն էր, որի հատակով հոսում է մի գետ և ծովն է թափվում Վեներայի հրվանդանով։ Այս՝ կղզու ամենագլխավոր գետակներից մեկն է և նրա ակունքը գտնվում է կենտրոնական ամենաբարձր, սրակատար սարի ստորոտին. այդ սարը բարձրանում է մինչև 7000 ոտնաչափ։ Ամբողջ կղզին այնպես լեռնոտ է, որ խորքերը թափանցելու միակ ճանապարհը հովիտներն են։ Մեր ճանապարհն սկզբում անցնում էր գետի երկու կողմերը եզերող անտառների միջով, և կենտրոնական բարձր գագաթի տեսարանները, որոնք կարծեք թե երևում են ծառուղու միջով, որի կողերի վրա, այս ու այն մասում օրորվում են կոկոսյան ծառեր, վերին աստիճանի գեղանկար էին։ Հովիտը շուտով սկսեց նեղանալ և կողերն ավելի բարձրանալ ու գահավեժ դառնալ։ Երեք-չորս ժամ քայլելուց հետո կիրճի լայնությունը հազիվ թե գետակի հունից ավելի լիներ։ Երկու կողմից էլ այդ բարձրացող պատերը գրեթե վերտիկալ էին, բայց և այնպես հրաբխային շերտի փափուկ բնույթի շնորհիվ և՛ բարձրաճուն բուսականությունը, և՛ ծառերն աճում էին ամեն մի ցցված վիմուտքի վրա։ Այս անդունդները պետք է որ մի քանի հազար ոտնաչափ բարձրություն ունենան և բոլորը կազմել էին լեռնային մի նեղ կիրճ շատ՝ ավելի հոյակապ, քան մինչ այդ իմ տեսած որևէ բան։ Մինչև որ կեսօրվա արևը ուղղահայաց դիրք կունենար կիրճի վրա, օդը զով էր և խոնավ, բայց այժմ արդեն կատարյալ տոթ էր։ Նստելով մի ժայռի վիմուտքի ստվերում՝ սյունաձև լավայի պատի տակ կերանք մեր կեսօրվա ճաշը։ Իմ ուղեկիցներն արդեն ձեռք էին բերել մի աման մանր ձկներ և անուշ ջրի խեցգետին։ Նրանք իրենց հետ վերցրել էին օղակաձև մի փոքր ուռկան, և այնտեղ, որտեղ ջուրը խորն էր և հորձանուտ, սուզվում էին, ջրասամույրների նման աչքերը բաց, ծակերում և անկյուններում ձկներ էին փնտրում և բռնում։

Տաիտցիները ջրում երկկենցաղի ճարպկություն ունեն։ Էլիսը պատմում էր մի պատմություն, որը ցույց է տալիս, թե այս մարդիկ որչափ ապահով են զգում իրենց՝ ջրի արհավիրքների մեջ։ 1817 թվին Պոմարե թագուհու համար մի ձի ափ հանելիս պարանները կտրվում են, և ձին ընկնում է ջուրը. տեղացիներն անմիջապես ցատկում են նավից և իրենց աղաղակներով և օգնելու անիմաստ ջանքերով քիչ է մնում խեղդեն կենդանուն։ Հենց որ ձին ափ է դուրս գալիս, բոլոր ներկա եղողները փախչում են և աշխատում թաքնվել մարդատար խոզից, մի անուն, որով նրանք մկրտել են ձին։

Քիչ ավելի վերևում գետը բաժանվում է երեք փոքրիկ գետակի։ Երկու հյուսիսային գետակներն անմերձենալի են շնորհիվ մի շարք ջրվեժների, որոնք իջնում են ամենաբարձր լեռան հերձոտ գագաթից. մյուսն ամբողջությամբ հավասարապես անմատչելի է, բայց մեզ հաջողվեց բարձրանալ այնտեղով մի վերին աստիճանի արտաքո կարգի ճանապարհով։ Հովտի լանջերն այստեղ գրեթե գահավեժ էին, բայց, ինչպես հաճախ շերտավոր ապառաժների վրա է լինում, կային դուրս ցցված փոքրիկ վիմուտքներ՝ բոլորն էլ խիտ ծածկված վայրի բանանով, շուշանազգի բույսերով և արևադարձային այլ շքեղ պրոդուկցիաներով։ Տաիտցիները մագլցելով այս վիմուտքների միջով՝ պտուղ փնտրելիս հայտնաբերել էին մի փոքր շավիղ, որով կարելի էր բարձրանալ այդ պատի ամենաբարձր գագաթը։

Հովտի առաջին բարձրությունն անցնելը չափազանց վտանգավոր էր, որովհետև անհրաժեշտ էր մեզ հետ բերած պարանների օգնությամբ անցնել մերկ ապառի սեպաձև թեքվածքով։ Թե ինչպես էր ինչ-որ մեկի գլխում միտք ծագել, որ այս ահռելի վայրը միակ կետն էր, որտեղից կարելի էր մուտք գործել լեռան լանջը,— չեմ կարող երևակայել։ Այնուհետև զգուշությամբ քայլեցինք վիմուտքնեքից մեկի երկայնքով, մինչև եկանք երեք գետակներից մեկի վրա։ Վիմուտքն այստեղ կազմում էր մի հարթ վայր, որի վերևից մի գեղեցիկ ջրվեժ մի քանի հարյուր ոտնաչափ բարձրությամբ թափում էր իր ջրերը, իսկ ներքևում մի այլ բարձր ջրվեժ թափվում էր հովտից անցնող գլխավոր գետակի մեջ։ Այս զով և ստվերոտ թաքստոցից մի պտույտ կատարեցինք՝ վերևից կախված ջրվեժից խույս տալու համար։ Առաջվա նման հետևեցինք քիչ դուրս ցցված վիմուտքներին. խիտ բուսականությունը մասամբ թաքցրել էր վտանգը։ Վիմուտքներից մեկից մյուսն անցնելիս մեր առջև կանգնեց վերտիկալ մի պատ։ Տաիտցիներից մեկը,մժի ժիր ու թեթև մարդ, այս պատի դեմ կանգնեցրեց մի ծառի բուն, մագլցեց նրա վրա և ապա ճեղքերի օգնությամբ հասավ գագաթը։ Նա կապեց պարանները մի դուրս ցցված կետի և կախեց ներքև՝ մեր ծանրոցները և շունը բարձրացնելու համար, իսկ մենք ինքներս մագլցեցինք։ Այն վիմուտքի տակին, որտեղ դրված էր չորացած ծառի բունը, գտնվող անդունդը պետք է որ առնվազն հինգ-վեց հարյուր ոտնաչափ խորություն ունենա, և եթե այդ անդունդը մասամբ ծածկված չլիներ կախ ընկած պտերներով և շուշաններով, գլուխս պտույտ կգար, և ոչինչ չէր կարող ստիպել ինծ բարձրանալու այդ փորձն անել։ Շարունակեցինք բարձրանալ երբեմն վիմուտքներով, երբեմն դանակի բերանի նման սուր բլրագոտիներով, որոնց երկու կողմն էլ խոր անդունդներ էին բացվում։ Կորդիլյերներում իմ տեսած լեռները սրանցից շատ ավելի հոյակապ էին, բայց գահավիժությամբ և հանկարծակի երևացող անդունդներով բոլորովին չի էլ կարելի համեմատել սրանց հետ։ Երեկոյան հասանք մի հարթ փոքրիկ տեղ միևնույն գետակի ափին, որի երկայնքով անցել էինք, և որը թափվում էր ներքև՝ ջրվեժների մի շղթա կազմած. այստեղ իջանք բացօթյա գիշերելու։ Կիրճի երկու կողմում էլ լեռնային բանանի մեծ տարածություններ կային՝ հասած պտղով ծածկված։ Այս բույսերից շատերը քսանից քսանհինգ ոտնաչափ բարձրություն ունեին և երեքից չորս ոտնաչափ՝ շրջագիծ։ Մի քանի րոպեում տաիտցիները պարանի տեղ ծառի կեղև գործածելով, գերանի տեղ՝ բամբուկի ցողուն, որպես ծածկ՝ բանանի տերև, մի սքանչելի տուն պատրաստեցին, իսկ չորացած տերևներից՝ փափուկ անկողին։

Այնուհետև սկսեցին խարույկ պատրաստել և մեր ընթրիքը եփել։ Կրակ ստացան բութ ծայրով մի փայտ մի այլ կտորի մեջ բացած ակոսին քսելով, կարծեք թե ուզում էին ակոսը խորացնել, քիչ հետո շփումից առաջացած փոշին բռնկվեց։ Այս նպատակի համար գործածում են մի առանձին սպիտակ ու շատ թեթև փայտ (Hibiscus tiliaceus)։ Այս նույն փայտը գործածում են և որպես բեռ տանելու ձողեր, ինչպես և նավակների համար լոգաններ պատրաստելու համար։ Կրակ ստանում են մի քանի վայրկյանում, բայց եթե մեկը հմուտ չէ այդ գործին, նա մեծ դժվարությամբ է ստանում. ես նույնպես փորձեցի և հպարտությամբ կարող եմ հայտնել, որ ինձ հաջողվեց փոշին այրել։ Պամպասների գաուչոն բոլորովին տարբեր եղանակ է կիրառում, վերցնելով մոտ տասնութ մատնաչափ երկարությամբ մի ճկունն փայտ՝ մի ծայրը դեմ է անում իր կրծքին, իսկ մյուս սուր ծայրը փայտի մեջ բացած անցքին, և ապա արագ պտտացնում է կորացած մասը՝ հյուսնի գայլիկոնի պես։ Տաիտցիները խարույկը պատրաստելով՝ վառվող փայտի վրա շարեցին կրիկետի գնդակի մեծության քսան քար։ Մոտ տասը րոպեում փայտերը վառվեցին վերջացան, իսկ քարերը լավ տաքացան։ Նախօրոք տերևների փոքր կտորների մեջ դարսել էին միս, ձուկ, հասած և խակ բանան։ Այս կանաչ ծրարներն ինչպես մի շերտ դասավորեցին տաք քարերի երկու շերտի միջև և ապա բոլորը ծածկեցին հողով, այնպես որ ոչ ծուխ կարոդ էր դուրս գալ, ոչ էլ գոլորշի։ Մոտ տասնհինգ րոպե հետո բոլորը շատ լավ եփվել էին։ Կանաչ կտորները դարսեցին բանանի տերևների վրա, և կոկոսյան ընկույզի պատյանով հոսող գետակից սառը ջուր վերցնելով՝ վայելեցինք մեր գեղջկական ընթրիքը։

Ես չէի կարող նայել շրջապատող բույսերին առանց հիացմունքի։ Ամեն կողմ տարածված էին բանանի անտառներ, որոնց պտուղները, չնայած որ զանազան ձևով գործածվում էին որպես սնունդ, կույտերով փչանում էին գետնին։ Մեր դիմացը գտնվում էր վայրի շաքարեղեգի մի ընդարձակ պուրակ, և գետակն ստվերված էր ավայի (Ava) մութ-կանաչ հանգուցավոր ցողունով, որն այնքան հայտնի է եղել հին ժամանակներում իր թմրեցուցիչ և թունավորիչ ազդեցությամբ։ Ես այդ բույսից մի կտոր ծամեցի և գտաք որ նա ուներ կծու և անախորժ համ, այնպես որ որևէ մեկը բերանն առնելիս անմիջապես կիմանար նրա թունավոր լինելը։ Դրանց խիստ մոտիկ ես տեսա վայրի նվիկ, որի արմատները լավ եփելու դեպքում կարելի է ուտել, իսկ մատղաշ տերևներն ավելի լավ են, քան սպանախը։ Կար նաև վայրի յամս և շուշանային մի բույս, որը կոչվում էր տի և որն աճում էր շատ առատ. այս բույսն ունի փափուկ թուխ արմատ՝ ձևով և ծավալով նման փայտի մեծ կոճղի։ Այս ծառայում էր մեզ որպես դեսերտ, որովհետև նա այնքան քաղցր է, որքան ծորամեղրը, և լավ համ ունի։ Բացի այս բոլորից, այնտեղ կային նաև մի քանի այլ վայրի պտուղներ և օգտակար բույսեր։ Փոքրիկ գետակը, բացի իր սառը ջրից, տալիս էր և՛ օձաճուկ, և՛ խեցգետին։ Իսկապես ես սքանչանում էի այս տեսարանով, երբ այն համեմատում էի բարեխառն գոտու չմշակված տեղի հետ։ Ես զգում էի այն դիտողության մեծ ուժը, որ մարդը, գոնե վայրենին, իր մասամբ զարգացած բանականությամբ տրոպիկական երկրների երեխան է։

Ուշ երեկոյան ես զբոսնում էի գետի ընթացքով դեպի վեր տարածվող բանանների մութ ստվերների տակ։ Իմ զբոսանքը շուտով կանդ առա ջրվեժի առջև, որը թափվում էր երկուսից-երեք հարյուր ոտնաչափ բարձրությունից, իսկ նրանից վերև գտնվում էր մի ուրիշը։ Եu հիշատակում եմ այս մի առվակի բոլոր ջրվեժները, որպեսզի գաղափար կազմեք, թե ինչպիսի թեքություն ունի այս երկիրը։ Այս փոքրիկ առանձնարանում, որտեղ թափվում էր ջուրը, ամենափոքր քամու հետքն անգամ չէր երևում։ Բանանի մեծ տերևների նուրբ եզրերը, ջրացայաքից խոնավացած, բոլորովին անվնաս էին մնացել, մինչդեռ, ինչպես լինում է առհասարակ, պետք է հազար տեղից պատառոտված լինեին։ Մեր կեցած դիրքից, որը գրեթե կախված էր սարի կողքից, մեր առջև բացվում էին հարևան հովիտների անդունդները, և կենտրոնական լեռների բարձր կատարները, որոնք բարձրանում էին զենիթից 60° տարածության մեջ, ծածկել էին երեկոյան երկնքի կեսը։ Այսպես նստած՝ մարդ զմայլվում էր՝ դիտելով, թե ինչպես գիշերային ստվերներն աստիճանաբար իջնում էին վերջին և ամենաբարձր կատարների վրա։

Քնելու պատրաստությունից առաջ ավագ տաիտցին ծնկաչոք և փակած աչքերով, իր մայրենի լեզվով կրկնում էր մի երկար աղոթք։ Նա աղոթում էր ինչպես մի քրիստոնյա, պատշաճ մեծարանքով, ծաղրից կամ բարեպաշտության ցուցամոլությունից չքաշվելով, ճաշի ժամանակ նրանցից ոչ մեկն առանց կարճ աղոթքի բերանը ոչինչ չէր տանի։ Նախքան լուսանալն ուժեղ անձրևեց, բայց բանանի տերևից պատրաստած տանիքք բոլորովին պաշտպանեց մեզ անձրևից։

Նոյեմբերի 19.— Երբ լուսացավ, իմ բարեկամներն իրենց առավոտյան աղոթքից հետո պատրաստեցին մի սքանչելի նախաճաշ, ճիշտ այնպես, ինչպես երեկոյան։ Եվ այդ նախաճաշից օգտվեցին գլխավորապես իրենք. հիրավի ես երբեք չէի տեսել այդքան շատ ուտող մարդիկ։ Ենթադրում եմ, որ ստամոքսի այդպիսի մեծ տարողությունը արդյունք է այն բանի, որ սննդանյութի մեծ մասը կազմում են պտուղները կամ բանջարեղենները, որոնք տվյալ քանակության մեջ համեմատաբար քիչ նյութ են պարունակում։ Անգիտակցաբար ես պատճառ դարձա, որ իմ ընկերներն իրենց օրենքներից մեկը դրժեն, ինչպես այդ իմացա հետագայում, ինձ հետ վերցրել էի մի շիշ ոգելից խմիչք, և խմելիս նրանք չկարողացան մերժել իրենց մասնակցությունը։ Մոտ երկու տարի առաջ թեև ավայի գործածությունն արգելված էր, բայց ոգելից խմիչքների ներմուծման պատճառով արբեցողությունն ամենուրեք տիրապետում էր։

Նախաճաշից հետո շարունակեցինք մեր ճանապարհը։ Որովհետև իմ նպատակն էր դիտել սոսկ կղզու ներքին մառերի տեսարանները, ուստի վերադարձը կատարեցինք այլ ճանապարհով, որն իջնում էր ներքև՝ դեպի գլխավոր հովիտը։ Որոշ տարածություն անցանք մի վերին աստիճանի մանվածապտույտ շավղով, լեռան լանջով, որը կազմում էր հովիտը։ Համեմատաբար քիչ թեքություն ունեցող տեղերում անցնում էինք վայրի բանանի ընդարձակ պուրակների միջով։ Տաիտցինեըն իրենց մերկ և վերքերով ծածկված մարմնով, գլուխները ծաղիկներով զարդարած, այս պուրակների մութ ստվերի մեջ ստանում էին նախնադարյան երկրներում ապրող մարդու գեղեցիկ տեսքը։ Վայրէջքի ժամանակ մենք հետևում էինք բլրաշարքերին. այս բլուրները չափազանց նեղ էին և զգալի երկարությամբ գահավեժ՝ ինչպես աստիճանները, բայց ամբողջովին բուսականությամբ ծածկված։ Ամեն մի քայլ անելիս ծայրահեղ զգուշությունը քայլելը դարձնում էր հոգնեցուցիչ։ Երբեք չէի դադարում այս կիրճերի և անդունդների վրա զարմանալուց։ Երբ այս, դանակի բերանի չափ սուր լեռներից նայում էի ներքև և հեռուները, հենման կետն այնքան փոքր էր թվում, որ էֆեկտը կարելի էր համեմատել օդապարիկից ստացված էֆեկտի հետ։ Վայրէջքի ժամանակ միայն մի անգամ կարիք եղավ դիմել պարանների օգնության, այն էլ այնտեղ, սրտեղ մտնում էինք գլխավոր հովիտը։ Մենք քնեցինք միևնույն ժայռի վիմուտքի տակ, որտեղ ճաշել էինք նախորդ օրը. գիշերը գեղեցիկ էր, բայց կիրճի խորության և նեղ լինելու պատճառով խիստ մութ էր։

Նախքան այս երկիրն անձամբ տեսնելը դժվարանում էի հասկանալ Էլիսի հիշատակած երկու փաստը, այն է, որ հին ժամանակների արյունահեղ կռիվների ժամանակ հաղթվողներից կենդանի մնացածներն ապաստանելիս են եղել այս լեռները, որտեղ մի քանի մարդիկ կարող էին դիմադրել մեծ բազմությունների։ Իսկապես կես դյուժին մարդ, այն կետում, որտեղ տաիտցին հենվել էր մի մեծ ծառի, կարող էր հեշտությամբ ետ մղել հազարների։ Երկրորդ՝ քրիստոնեությունը մուտք գործելուց հետո դեռ կային վայրենիներ, որոնք ապրում էին լեռներում, և որոնց առանձնարաններն անհայտ էին համեմատաբար քաղաքակիրթ բնակչությանը։

Նոյեմբերի 20.— Առավոտյան վաղ ճանապարհ ընկանք և Մատավաի հասանք կեսօրին։ Ճանապարհին հանդիպեցինք գեղեցիկ մարզված մարդկանց մի մեծ խմբի, որոնք գնում էին վայրի բանան հավաքելու։ Պարզվեց, որ մեր նավն իր սկզբնական կայանի անհարմարության պատճառով տեղափոխվել էր Պապաուայի նավահանգիստը։ Առանց ժամանակ կորցնելու՝ ես ուղևորվեցի այնտեղ։ Այս մի շատ գեղեցիկ տեղ է։ Ծոցիկը շրջապատված է ռիֆերով, և ջուրն այնպես խաղաղ է, ինչպես լճում։ Մշակված գետինն իր գեղեցիկ պրոդուկցիաներով և ցրված տնակներով տարածվում էր մինչև ջրի եզրը։

Կարդացած լինելով զանազան տեղեկագրեր այս կղզիների մասին, նախքան մեր այցելությունը, ես շատ էի ուզում իմ սեփական դիտողություններից ելնելով որոշ գաղափար կազմել նրանց բարոյական վիճակի մասին, թեև նման դատողությունն անհրաժեշտաբար շատ թերի կլիներ։ Բոլոր դեպքերում էլ առաջին տպավորությունները մեծ չափով կախված են նախապես վայրի մասին ունեցած գաղափարից։ Իմ գիտելիքներն այդ երկրի մասին ձեռք էի բերել Էլիսի „Polynesian Researches” գրքից՝ մի սքանչելի և չափազանց հետաքրքրական, բայց բնականաբար ամեն բանի վրա բարենպաստ աչքով նայող աշխատություն. Բիչիի „Voyage”-ից և վերջապես Կոցեբուի ճանապարհորդությունից, որը խիստ հակառակ է ամբողջ միսիոնարական սիստեմին։ Նա, ով այս երեք աշխատություններն իրար հետ լավ կհամեմատի, կարծում եմ, որ Տաիտիի ներկա վիճակի մասին բավականին Ճիշտ գաղափար կկազմի։ Իմ տպավորություններից մեկը, որ ստացել էի վերջին երկու հեղինակներից, վճռականորեն սխալ էր. այդ այն էր, որ իբր թե տաիտցիները մելամաղձոտ մարդիկ էին դարձել և ապրում էին միսիոնարական վախի ազդեցության տակ։ Վերջին զգացողության ոչ մի հետք ես չգտա, եթե վախ և մեծարանք բառերը չնույնացնենք։ Տարածված զգացողությունը դժգոհությունը լինելու փոխարեն, դժվար թե Եվրոպայում նույն թվով բնակչության մեջ կարելի լիներ գտնել այստեղի ուրախ և երջանիկ արտահայտություն ունեցող մարդկանց թվի կեսի չափ։ Այս կետերում հավակնություն չունեմ իմ կարծիքը հակադրել այնպիսի մարդկանց կարծիքին, որոնք այնքան տարիներ են ապրել այս կղզիներում, որքան ես՝ օրեր։

Կիրակի, նոյեմբերի 22.— Պապիետե նավահանգիստը, որտեղ նստում է թագուհին, կարելի է նկատի ունենալ որպես կղզու մայրաքաղաքը. նա միաժամանակ կառավարության կենտրոնն է և նավաբեռնման գլխավոր կայանը։ Կապիտան Ֆից Ռոյը մի խումբ մարդկանց հետ մեկնեց այնտեղ՝ եկեղեցական արարողությունները լսելու համար, որը նախ կատարվեց տաիտական և ապա անգլերեն լեզվով։ Արարողությունը կատարում էր մր. Պրիչաըդը — կղզու գլխավոր միսիոնարը։ Եկեղեցին ներկայացնում էր մի մեծ, օդառատ փայտյա շինություն, և խիստ լցված ամեն տարիքի և երկու սեռի կոկիկ և մաքուր ժողովրդով։ Ես քիչ հուսախաբված էի՝ զարմանալով, որ ժողովուրդն այնքան ուշադիր չէ դեպի կրոնական պարտականությունները, բայց կարծում եմ, որ այդ հետևանք էր այն բանի, որ իմ պահանջները շատ բարձր էին։ Որևէ հանգամանքում արտաքին տպավորությամբ կարող էր բոլորովին հավասար համարվել անգլիական գյուղական եկեղեցուն։ Եկեղեցական երգերը շատ դուրեկան էին, բայց բեմից լսվող բառերը, թեև սահուն էին արտասանվում, լավ տպավորություն չէին թողնում. «տատա տա, մատա մաի» և նման անընդհատ կրկնվող բառերը երգը մոնոտոն էին դարձնում։ Անգլերեն լեզվով արարողությունը վերկացնելուց հետո մի խումբ ոտքով վերադարձավ Մատավաի։ Այդ մի հաճելի ճանապարհորդություն էր՝ երբեմն ծովեզրով, երբեմն բազմաթիվ գեղեցիկ ծառերի ստվերի տակով։

Մոտ երկու տարի առաջ անգլիական դրոշակով մի նավ ցածրադիր կղզիներում կողոպտվում է տեղացիներից։ Այդ ժամանակ այդ կղզիները ենթարկվում էին Տաիտիի թագուհուն։ Կարծում էին, որ չարագործներին դեպի այս գործը դրդողը եղել է թագուհու կողմից մի շարք անզգուշ օրենքներ հրատարակելը։ Բրիտանական կառավարությունը պահանջում է հատուցում, որ ընդունվում է, և համաձայնում են վճարել մոտ երեք հազար դոլարի գումար՝ անցյալ սեպտեմբերի 1-ին։ Լիմայի ծովային հրամանատարը հրաման էր տվել կապիտան Ֆից Ռոյին այս խնդրով զբաղվելու, և եթե գումարը չի վճարվել, պահանջել այն։

Այս նպատակով կապիտան Ֆից Ռոյն ուզեց մի ինտերվյու ունենալ թագուհի Պոմարեի հետ, որը հայտնի էր դարձել ֆրանսիացիներից ստացած վատ վերաբերմունքից հետո։ Այդ խնդիրը քննարկելու համար գումարվեց պառլամենտ, որին մասնակցում էին կղզու բոլոր առաջավոր մարդիկ և թագուհին։ Այստեղ ես չեմ նկարագրելու, թե ինչ տեղի ունեցավ կապիտան Ֆից Ռոյի հետաքրքրական զեկուցումից հետո։

Պարզվեց, որ փողը վճարված չի եղել, գուցե բերված պատճառները քիչ երկդիմի էին, այլ կերպ չեմ կարող հարկ եղած չափով արտահայտել մեր ընդհանուր զարմանքը ծայր աստիճան ողջամտության, դատելու կարողության, չափավորության, անաչառության և խնդրին արագ լուծում տալու վրա, որը ցուցաբերվեց բոլոր կողմերից։ Կարծում եմ, որ մենք բոլորս ժողովը թողինք նախապես տաիտցինեբի մասին մեր ունեցածից բոլորովին տարբեր կարծիքով։ Ղեկավարները և ժողովուրդը որոշեցին բաժանորդագրվել և լրացնել պահանջվելիք գումարը։ Կապիտան Ֆից Ռոյը նշեց, որ ծանր է հեռավոր կղզիաբնակների ոճրի փոխարեն իրենց սեփականությունը զոհաբերել։ Նրանք պատասխանեցին, որ իրենք շնորհակալ են իր նկատառության համար, բայց չէ՞ որ Պոմարեն իրենց թագուհին է, և իրենք որոշել են օգնել նրան այս դժվարությունից դուրս գալու համար։ Այս որոշումը և այն արագ ի կատար ածելը (որովհետե հաջորդ օրը վաղ բացվեց բաժանորդագրության գիրք) հավատարմության և բարի զգացումների այս երևելի տեսարանի փայլուն վերջավորությունն էր։

Գլխավոր խնդիրը վերջացնելուց հետո պետերից մի քանիսը օգտվելով հարմար առիթից՝ կապիտան Ֆից Ռոյին տվին բազմաթիվ խելացի հարցեր միջազգային սովորությունների և օրենքների մասին, նավերի և օտարականների հետ վարվելու կապակցությամբ։ Որոշ խնդիրներում հենց որ որոշում էին կայացնում, անմիջապես տեղում բերանացի հրապարակում էին համապատասխան օրենք։ Այս տաիտական պառլամենտը տևեց մի քանի ժամ, և երբ վերջացավ, կապիտան Ֆից Ռոյը թագուհի Պոմարեին հրավիրեց այցելելու «Բիգլ»-ին։

Նոյեմբերի 25.— Երեկոյան նորին վեհափառության համար ուղարկվեց չորս նավակ. նավը զարդարված էր դրոշակներով, իսկ առագաստաձողերին կանգնել էին մարդիկ՝ նրա գալստյան առթիվ։ Նրան ընկերակցում էին պետերից շատերը։ Բոլորի վերաբերմունքը շատ պատշաճ էր, ոչինչ չէին խնդրում, և թվում էր թե շատ գոհ էին կապիտան Ֆից Ռոյի նվերներից։ Թագուհին մեծ, անճոռնի մի կին է, առանց որևէ շնորհքի, գեղեցկության, կամ շուքի։ Նա ունի միայն մի արքայական ատրիբուտ — բոլոր դեպքերում մի կատարյալ անշարժություն արտահայտության ժամանակ, այն էլ շատ բութ ձևով։ Ամենից շատ սքանչանում էին ռակետներով, և յուրաքանչյուր պայթումին հետևում էր մի խորը «ո՜հ», որը գալիս էր մութ ծոցի շուրջը հավաքված մարդկանցից։ Նրանք հիացած էին նաև նավաստիների երգից, և թագուհին ասաց, որ իրեն այնպես է թվում, որ աղմկոտ երգերից մեկը եկեղեցական երգ լինել չէր կարող։ Արքայական խումբը մինչև կեսգիշեր մնաց մեզ մոտ։

Նոյեմբերի 26.— Երեկոյան մի մեղմ ցամաքային զեփյուռի տակ նավն ուղղեցինք դեպի Նոր Զելանդիա, և երբ արևը մայր մտավ, վերջնական հրաժեշտ տվինք Տաիտիի լեռների տեսարաններին, մի կղզի, որին յուրաքանչյուր ճանապարհորդ տվել է իր հիացմունքի տուրքը։

Դեկտեմբերի 19.— Երեկոյան հեռվում երևաց Նոր Զելանդիան։ Այժմ կարող ենք նկատի ունենալ, որ անցել ենք գրեթե ամբողջ Խաղաղ օվկիանոսը։ Նրա անծայրածիրությունն ըմբռնելու համար պետք է ճանապաըհորդած լինել նրա վրայով։ Շաբաթներով արագ անընդհատ առաջ շարժվելով՝ մարդ ոչինչ չի տեսնում, բացի միևնույն կապույտ և չափազանց խոր օվկիանոսից։ Մինչև անգամ երբ արշիպելագներումն եք լինում, կղզիները սոսկ կետեր են թվում և մեկը մյուսից շատ հեռու։ Սովորած լինելով փոքր մասշտաբով գծված քարտեզներ դիտելու, որտեղ կետեր, ստվերներ և անուններ են խռնված, չենք կարող ճիշտ դատել, թե որքան չնչին է ցամաքի տարածությունն այս անսահման օվկիանոսի ջրի հետ համեմատած։ Անտիպոդների միջօրեականն էլ անցել էինք, և այժմ մեղ ուրախացնում էր այն, որ յուրաքանչյուր փարսախ որ անցնում էինք, մի փարսախ մոտենում էինք Անգլիային։ Այս անտիպոդները մեզնից յուրաքանչյուրին հիշեցնում են երեխայական տարիները, երբ ֆիզիկական աշխարհագրությունը մեզ գցում էր կասկածների և զարմանքի մեջ։ Դեռ անցյալ օրն էր, որ ես նայում էի առաջ դեպի այս օդային թումբը՝ որպես մի որոշակի կետի դեպի տուն կատարած մեր ճանապարհորդության մեջ, բայց այժմ ես գտնում եմ այն, և բոլոր այսպիսի երևակայության հանգստակայանները նման են ստվերների, որոնք՝ որչափ հետևից վազեք, այնքան կհեռանան։ Մի քանի օր տևող քամին վերջերս մեզ լրիվ հնարավորություն է տվել չափելու դեպի տուն կատարվելիք մեր հետագա երկար ճանապարհորդության հանգրվանները, իսկ մենք ամենաբուռն կերպով ցանկանում ենք նրա վերջավորությունը։

Դեկտեմբերի 21.— Առավոտյան վաղ մտանք կղզիների ծոցը և մի քանի ժամ հանգստանալով բերանի մոտ՝ կեսօրին մտանք արշիպելագը։ Շրջանը բլրոտ է, ողորկ ուրվագծով, և խորը կտրտված է ծռվի բազմաթիվ ճյուղերով, որոնք դուրս են գալիս ծոցից։ Մակերեսը, երբ հեռվից են դիտում, կարծեք թե ծածկված է կոշտ խոտով, բայց իրականում դրանք պտեր են, ուրիշ ոչինչ։ Ավելի հեռվում գտնվող բլուրներում, ինչպես և հովիտների որոշ տեղերում կան բավականին ընդարձակ անտառներ։ Տեսարանի ընդհանուր երանգը վառ կանաչը չէ և նման է Չիլիում Կոնսեպսիոնից քիչ հարավ գտնվող մի տեղի։ Ծոցի զանազան մասերում քառակուսի, կոկիկ տեսք ունեցող տներով փոքրիկ գյուղերը ցրված են ամենուրեք և իջնում են մինչև ջրի եզրը։ Երեք կետորսական նավ կանգնել էին խարսխի վրա, և մի նավակ ժամանակ առ ժամանակ գնում էր ափ և վերադառնում. ուրիշ ոչինչ չկար, բացառությամբ այս բոլորի, ամբողջ շրջանին տիրում էր մի ծայր աստիճան խաղաղություն։ Միայն մի նավակ մոտեցավ մեզ։ Այս և ամբողջ տեսարանն ընդհանուր առմամբ ներկայացնում էր մի նշանակալի և ոչ այնքան հաճելի կոնտրաստ՝ Տաիտիում գտած մեր աղմկոտ և ցնծալի ընդունելության նկատմամբ։

Կեսօրից հետո գնացինք ափ՝ դեպի տների համեմատաբար մեծ խումբ, որը նույնիսկ հազիվ թե արժանի լինի գյուղ կոչվելու։ Նրա անունը Պահիա է. այստեղ են ապրում միսիոնարները և այստեղ, բացի ծառաներից ու սևագործներից, ուրիշ բնիկներ չեն ապրում։ Կղզիների ծոցի շրջակայքում անգլիացիների թիվը, ներառյալ և նրանց ընտանիքի անդամները, հասնում է երկուսից երեք հարյուրի։ Գյուղի բոլոր տները, որոնք մեծ մասամբ սպիտակացրած են, շատ կոկիկ են և պատկանում են անգլիացիներին։ Բնիկների հյուղակներն այնպես փոքր են ու ցած, որ հազիվ թե նկատվեն հեռվից։ Պահիայում չափազանց հաճելի էր դիտել տների առջևի անգլիական ծաղիկները. այնտեղ կային բազմատեսակ վարդեր, հասմիկ և մասրենու ամբողջ ցանկապատեր։

Դեկտեմբերի 22.— Առավոտյան դուրս եկա զբոսանքի, բայց շուտով պարզվեց, որ այդ շրջանը չափազանց անհարմար էր զբոսանքի համար: Բոլոր խիտ բլուրները ծածկված էին բարձր պտերներով, որոնց հետ խառն կար և մի թուփ, որն աճում է նոճու նման. շատ քիչ տարածություն է մաքրված կամ մշակված։ Այնուհետև փորձեցի շարժվել ծովափով, բայց երկու ուղղությամբ էլ քիչ գնալուց հետո կանգ առա աղի ջրի երկար խորշերի և խոր առուների եզրերին։ Ծոցի տարբեր մասերում ապրողների մեջ, Չիլոեի նման, հաղորդակցությունն ամբողջովին պահվում է նավակներով։ Ինձ զարմացրել էր այն, որ իմ բարձրացած գրեթե բոլոր բլուրները հին ժամանակներում ավելի կամ նվազ չափով ամրացված են եղել։ Գագաթներին կառուցել էին աստիճաններ կամ հաջորդական տերրասների հաճախ պաշտպանված խորը խրամատներով։ Հետագայում նկատեցիք որ ներցամաքային գլխավոր բլուրների վրա կային միևնույն ձևով կառուցումների հետքեր։ Սրանք պահ-երն են, որոնց մասին այնքան հաճախակի հիշատակում է կապիտան Կուկը «հիպահ» անունով, որով արտասանությունը տարբերվում է նախամասնիկ հի-ով։

Որ պահ-երը հին ժամանակներում մեծ դեր են խաղացել — այդ երևում էր խեցիների մեծ կույտերից և փոսերից, որոնց մեջ, ինչպես ինձ ասում էին, քաղցր կարտոֆիլ (բատատ) էին պահում՝ որպես ռեզերվ։ Որովհետև այս բլուրներում ջուր չկար, ուստի պաշտպանվողները չէին կարող դիմադրել երկար պաշարման. ամենաշատը նրանք կարող էին կանխել կողոպուտի նպատակով կատարվող հանկարծակի և շտապ հարձակումները, որոնց դեմ հաջորդական տերրասները մեծ նշանակություն կարող էին ունենալ պաշտպանության տեսակետից։ Հրազենի մուտքն ամբողջովին փոխել է ռազմական ամբողջ սիստեմը, և բլրի գագաթի մերկ ու բաց դիրքը բացի անիմաստ լինելուց, մինչև անգամ վտանգավոր է։ Հետևաբար պահ-երն այժմ միշտ լինում են հարթ գետնի վրա։ Սրանք կազմում են հաստ և բարձր ցցապատնեշներ՝ զիգզագ գծով շարված, այնպես որ յուրաքանչյուր մաս կարող է ծառայել որպես դարան։ Ցցապատնեշների ներսում փորում պատրաստում են հողե թմբեր, որոնց հետև պաշարվածները կարող են ապահով հանգստանալ կամ նրանց վրայով գործածել իրենց հրազենները։ Երբեմն այս հողե ամրոցների միջից գետնի մակերեսով փորում են ներքնուղիներ, որոնց միջով պաշարվածները դուրս են սողում ցցապատնեշից՝ թշնամուն հետախուզելու համար։ Արժանահարգո Ու. Ուիլյամսը, որը հաղորդեց ինձ այս մանրամասնությունները, ավելացրեց, որ ինքը պահ-երից մեկում նկատել է նեցուկներ կամ միջնորմներ՝ ցցված դեպի հողաթմբերի ներսը և պաշտպանվող կողմը։ Երբ հարցնում է առաջնորդին դրանց դերի մասին, պատասխանում է, որ եթե իր մարդկանցից երկու կամ երեքն սպանվեն, նրանց կողքին եղողները չեն տեսնի նրանց մարմինը և չեն վհատվի։

Նոր-զելանդացիները պահ-երը համարում են պաշտպանության կատարյալ միջոց, որովհետև հարձակվող կողմն այնքան դիսցիպլինար չէ, որ միահամուռ խուժի ցցապատնեշների վրա, խորտակի այն և մտնի ներս։ Երբ մի ցեղ կռվի է գնում, առաջնորդը չի կարող կարգադրել մի խմբի գնալ այս կողմ և մի այլ խմբի՝ այն կողմ, այլ ամեն մեկը կռվում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում, և յուրաքանչյուր անհատի համար մերձենալ մի ցցապատնեշի, որը պաշտպանված է հրազենով, նշանակում է որոշակի մահ։ Ինձ այնպես է թվում, որ աշխարհի ոչ մի անկյունում ավելի ռազմասեր ցեղ չի կարելի գտնել, քան այս նոր-զելանգացիները։ Նրանց վերաբերմունքն առաջին անգամ նավ տեսնելիս, ինչպես նկարագրել է կապիտան Կուկը, մի փայլուն իլուստրացիա կարող է լինել նրանց ռազմասիրության։ Քարերի տեղատարափն այդպիսի մի մեծ և նոր առարկայի վրա և նրանց հանդուգն արտահայտությունը՝ «եկե՛ք ափ, և մենք ձեզ բոլորիդ կսպանենք, կուտենք» — ապացուցում է նրանց անսովոր հանդգնությունը։ Այս ռազմասեր ոգին երևում է նրանց բազմաթիվ սովորությունների, մինչև անգամ ամենափոքր գործունեության մեջ։ Եթե նոր-գելանդացին հարված է ստանում, թեկուզ կատակի ժամանակ, հարվածն առանց փոխհատուցման չպետք է մնա, և այս վերջին սովորության մի դեպք պատահել է մեր սպաներից մեկի հետ, որին ականատես եմ եղել և ես։

Քաղաքակրթության մուտք գործելու շնորհիվ այժմ թշնամությունն իրար դեմ նվազել է, եթե նկատի չունենանք հարավային ցեղերից մի քանիսը։ Ես լսել եմ մի բնորոշ դեպք, որ անցյալներում ծագել է հարավում։ Մի միսիոներ տեսնում է, որ մի առաջնորդ և իր ցեղը պատրաստվում են կռվի — հրացանները մաքուր և փայլուն, ռազմանյութը պատրաստ։ Նա երկար ժամանակ պատճառաբանում է կռվի անօգտակարության և այն չնչին պատճառների մասին, որոնք հերյուրում են կռիվը։ Առաջնորդն սկսում է տատանվել իր որոշման մեջ, բայց հանկարծ հիշում է, որ իր մի տակառ վառոդը վատ վիճակում է գտնվում և երկար դիմանալ չի կարող։ Այս բանը մի անժխտելի փաստ է դառնում, որ անհրաժեշտ է անմիջապես սկսել պատերազմը. չէր կարելի հաշտվել այն մտքի հետ, որ մեկ տակառ վառոդը կարող է փչանալ, նա պետք է գործածվեր,— և այս լուծեց հարցը հօգուտ կռիվ հայտարարելու։ Միսիոնարներն ինձ պատմում էին, որ Շոնգիի կենդանության ժամանակ մի առաջնորդ, որն այցելել էր Անգլիա, պատերազմի սերն ամեն մի գործունեության միակ և տևական աղբյուրն է լինում։ Այն ցեղը, որի գլխավոր առաջնորդը եղել է ինքը, մի անգամ մեծ նեղություններ է կրել մի այլ ցեղից, Թեմզա գետի ափերին։ Բնակիչները հանդիսավոր կերպով երդվում են, որ երբ իրենց որդիք մեծանան և բավականին ուժեղանան, չպիտի թույլ տան թշնամուն, որ մարսի իր հասցրած վնասները։ Եվ Շոնգիի Անգլիա գնալը, թվում է թե, գլխավորապես կապված է այս երդումը իրականացնելու հետ, իսկ այնտեղ եղած ժամանակ նրա միտքն զբաղված է եղել գլխավորապես այդ խնդրով։ Այն նվերներն են արժեք ունենում նրա համար, որոնք կարող էին վերա ծվել զենքի, իսկ արվեստներից միայն նրանք են հետաքրքրել նրան, որոնք կապված են եղել զենքի արտադրության հետ։ Սիդնեում եղած ժամանակ Շոնգին զարմանալի զուգադիպությամբ հանդիպում է իր ոխերիմ թշնամուն՝ Թեմզայի առաջնորդին, մբ. Մարսդենի տանը։ Սրանց վարմունքն իրար նկատմամբ լինում է շատ քաղաքավարի, բայց Շոնգին հայտնում է նրան, որ Նոր Զելանդիա վերադառնալիս նա երբեք չի հրաժարվելու կռվի մտադրությունից։ Մարտահրավերն ընդունվում է, Շոնգին վերադարձին իրականացնում է իր սպառնալիքը մինչև վերջին տառը։ Թեմզա գետի վրայի ցեղն ամբողջովին ոչնչանում է, իսկ այն առաջնորդը, որին մարտահրավեր էր տրված, սպանվում է։ Թեև Շոնգին այսպես խոր ատելության և վրիժառության զգացմունքներ է ունեցել, սակայն համարվել է բարի բնավորության տեր մարդ։

Երեկոյան կապիտան Ֆից Ռոյի և միսիոնարներից մեկի՝ մր. Բեկերի հետ այցելության գնացինք Կորորադիկա. շրջելով գյուղի շուրջը՝ հանդիպեցինք և խոսեցինք շատ մարդկանց — տղամարդկանց, կանանց և երեխաների հետ։

Տեսնելով նոր-զելանդացիներին՝ մարդ բնականաբար նրանց համեմատում է տաիտցիների հետ։ Երկուսն էլ պատկանում են մարդկային միևնույն ընտանիքին։ Համեմատությունը հօգուտ տաիտցիների է խոսում։ Նոր-զելանդացին էներգիայով գուցե նրանից բարձր է, բայց մյուս բոլոր կողմերով նրա նկարագիրը շատ ավելի ցածր է։ Երկու ժողովուրդների ներկայացուցիչների վրա մի ակնարկը բավական կլինի, որպեսզի մարդ համոզվի, որ մեկը վայրենի է, մյուսը՝ քաղաքակրթված։ Զուր կլինեին բոլոր փորձերն ամբողջ Նոր Զելանդիայում մի մարդ գտնելու, որն իր դեմքով, վարմունքով նմանվեր տաիտցի առաջնորդ Ուտամեին։ Անկասկած այստեղ առեղով մարմնի վրա ծեծած արտաքո կարգի նախշերը նրանց տհաճ տեսք են տալիս։ Ամբողջ երեսը ծածկող բարդ, բայց սիմետրիկ ֆիգուրները շփոթեցնում ու մոլորեցնում են անսովոր աչքերը։ Բացի այդ՝ հավանական է, որ խորը հատումները, ոչնչացնելով մակերեսին գտնվող մկանների շարժումները, դեմքին տալիս են պիրկ և անհողդողդ արտահայտություն։ Նրանց աչքերում կա մի առանձին փայլ, որը ոչինչ ցույց չի տալիս՝ բացի խորամանկությունից և վայրագությունից։ Սրանց հասակը բարձր է և մարմնեղ, բայց գեղակազմությամբ չի կարող համեմատվել Տաիտիի աշխատավոր դասակարգի հետ։

Նրանց տները և իրենք նեխման աստիճանի կեղտոտ են. շորերը կամ մարմինները լվանալու գաղափարը, թվում է թե, երբեք չի մտել սրանց գլուխը։ Ես մի առաջնորդ տեսա, որի հագին կար սևացած և ամեն տեսակի կեղտով ծածկված շապիկ. երբ հարցրի, թե ինչու է այդքան կեղտոտվել, պատասխանեց. «Չե՞u տեսնում, որ արդեն հնացել է»։ Մարդկանց մի մասը շապիկ է հագնում, իսկ տարածված հագուստը մեկ կամ երկու մեծ ադեալն է՝ սովորաբար կեղտից սևացած, որ ուսերին են գցում չափազանց անհարմար և անվայելուչ ձևով։ Գլխավոր առաջնորդներից մի քանիսն ունեն անգլիական պատշաճ հագուստներ, բայց այս շորերը հագնում են միայն մեծ դեպքերի առթիվ։

Դեկտեմբերի 23.— Ուաիմատե կոչված մի տեղում, Կղզիների Ծոցից տասնհինգ մղոն հեռու, արևմտյան և արևելյան ափերի մեջտեղում, միսիոնարները երկրագործական նպատակների համար գնել են որոշ հողամասեր։ Ինձ ծանոթացրել էին արժանահարգո Ու. Ուիլյամսի հետ, որն իմանալով իմ ցանկությունները՝ հրավիրել ինձ այնտեղ։ Մր. Բըշբին, մի անգլիացի ռեզիդենտ, առաջարկեց ինձ իր նավակով գնալ երկար խորշով, որտեղ ես տեսնելու էի մի գեղեցիկ ջրվեժ, և իմ քայլելու ճանապարհն էլ այդպիսով կարճանում էր։ Նա ինձ համար ճարեց մի մարդ՝ առաջնորդելու համար։ Երբ խնդրեց հարևան ղեկավարից մի մարդ, ղեկավարն առաջարկեց անձամբ իրեն, բայց նա այնքան անտեղյակ էր փողի արժեքի մասին, որ սկզբում հարցրեց, թե քանի՞ ոսկի էի վճարելու, իսկ հետո գոհացավ միայն երկու դոլարով։ Երբ ես այս առաջնորդին ցույց տվի մի շատ փոքրիկ ծանրոց, որ ես ուզում էի վերցնել ինձ հետ, նրա համար բացարձակապես անհրաժեշտ դարձավ իր հետ վերցնել մի ստրուկ։ Այս հպարտության զգացմունքները հետզհետե անհետանում են, բայց հին ժամանակներում մի ղեկավար ավելի շուտ հանձն կառներ մեռնել, քան ենթարկվել ամենափոքր բեռն անգամ կրելու անարգանքին։ Իմ ընկերակիցը թեթև, աշխույժ մարդ էր, կեղտոտ ադեալ հագած, իսկ երեսն ամբողջովին վիտած։ Առաջ նա եղել էր մեծ ռազմիկ։ Սովորաբար նա շատ սիրալիր էր եղել մր. Բըշբիի հետ, բայց երբեմն նրանք մեծ գժտություններ էին ունեցել։ Մր. Բըշբին նկատել էր, որ մի փոքր հանգիստ հեգնանքը հաճախ լռեցնում էր այս բնիկնեերից որևէ մեկին իր ամենահավակնոտ մոմենտում։ Այս պետը մի օր գալով մր. Բըշբիի մոտ՝ մի յուրահատուկ ճոռոմախոս սնապարծությամբ ասում է, որ՝ «Մի մեծ պետ, մի մեծ մարդ — իմ բարեկամներից մեկը — այցելության է եկել ինձ, դու նրան պետք է տաս ուտելու լավ բաներ և գեղեցիկ նվերներ» և այլն։ Մր. Բըշբին թույլ է տալիս նրան վերջացնել իր ճառը և ապա հանդարտ պատասխանում է. «Էլ ի՞նչ կարող է անել ձեր ստրուկը ձեզ համար»։ Մարդն այնուհետև վայրկենապես մի վերին աստիճանի կոմիկ արտահայտությամբ վերջ է տալիս իր սնապարծությանը։

Ոչ շատ առաջ մն. Բըշբին ենթարկվում է մի շատ ավելի լուրջ հարձակման։ Մի պետ և մի խումբ մարդիկ փորձում են կես գիշերին խուժել նրա տունը և, տեսնելով, որ այդ այնքան էլ հեշտ չէ, հրացաններով սկսում են մի աշխույժ կրակոց։ Մր. Բըշբին թեթև վիրավորվում է, իսկ խումբը վերջիվերջո հեռանում։ Կարճ ժամանակից հետո հայտնաբերվում է նախահարձակը, և հրավիրվում է պետերի մի ընդհանուր ժողով՝ խնդիրը քննարկելու համար։ Նոր-զելանդացիներն այդ համարում են չափազանց տմարդի և վայրագ գործ, մանավանդ որ այդ եղել է գիշերային հարձակում, և մր. Բըշբին հիվանդ պառկած է եղել իր տանը. այս վերջին հանգամանքը, ի պատիվ նրանց, պետք է ավելացնել, որ համարվում է ամենակարևորը և պետք էր ամեն պարագայում պաշտպանել մր. Բըշբիին։ Պետերը համաձայնում են բռնագրավել հարձակվողի հողերը հօգուտ Անգլիայի թագավորի։ Այս ամբողջ գործարկությանն այսպես մի ղեկավար դատելու և պատժելու տեսակետից՝ ամբողջովին աննախընթաց է լինում։ Դեռ ավելին, հարձակվողը կորցնում է իրեն հավասար մարդկանց մեջ իր ընկերական դիրքը, և բրիտանացիների կողմից այս համարվում է ավելի մեծ պատիժ, քան կալվածների բռնագրավումը։

Մինչ նավակը շարժվում էր առաջ, մի այլ ղեկավար էլ մտավ նավակը, որը միայն ցանկանում էր զբոսնել երկար խորշով վեր ու վար։ Ես երբեք չեմ տեսել ավելի նողկալի և ավելի վայրագ արտահայտություն, քան այս մարդունը։ Անմիջապես ինձ այնպես թվաց, թե ես նման մի տիպ տեսել եմ մի այլ տեղ ես, այդ կարելի է գտնել Ռետչի նկարներում՝ Շիլլերի «Ֆրիդոլին» բալլադի մեջ, որտեղ երկու մարդ Ռոբերտին քաշ են տալիս դեպի վառվող երկաթյա հնոցը։ Այս՝ Ռոբերտի կրծքին հրացան բռնողն է։ Ֆիզիոնոմիան այստեղ ճիշտ էր խոսում, այս ղեկավարը հայտնի մարդասպան էր եղել և ոտքից գլուխ չափազանց վախկոտ։ Երբ նավակը հասավ ցամաքին, մր. Բըշբին ճանապարհով ինձ ընկերակցեց մի քանի հարյուր յարդ. ես չէի կարող չհիանալ այն ալեհեր ծերունու սառնարյունությամբ և անպարկեշտությամբ, որին թողեցինք նավակում պառկած, երբ նա բղավեց մր. Բըշբիի հետևից. «Շատ երկար չմնաք, այստեղ սպասելուց կձանձրանամ»։

Այժմ սկսեցինք քայլել ոտքով։ Ճանապարհն անցնում էր մի լավ տափակացրած շավղով, որի երկու կողմից բարձրանում էին բարձր պտերներ, որոնք ծածկում են ամբողջ երկիրը։ Մի քանի մղոն անցնելուց հետո հասանք մի փոքր գյուղ, որտեղ կային իրար մոտ հավաքված մի քանի տներ և կարտոֆիլի մի քանի դաշտեր։ Կղզու ամենաշահավետ բանը կարտոֆիլի մուտք գործելն է. կարտոֆիլ շատ ավելի է գործածվում, քան որևէ տեղական կանաչեղեն։ Նոր Զելանդիան օժտված է մի մեծ բնական առավելությամբ, այն է՝ բնակիչները բոլորովին ազատ են սովահարությունից։ Ամբողջ երկրում ամենուրեք առատ է պտերը, և այս բույսի արմատները, թեև շատ համեղ չեն, այնուամենայնիվ առատ սնունդ են պարունակում։ Բնիկը, միշտ կարող է իր գոյությունը պահպանել այս բույսով և խեցեմորթներով որոնք առատ են ծովափի բոլոր մասերում։ Գյուղերը գլխավորապես հայտնի են պլատֆորմներով, որոնք բարձրանում են չորս ցցերի վրա՝ գետնից տասը կամ տասներկու ոտնաչափ բարձր, և որոնցով պաշտպանում են բոլոր պատահարներից դաշտի բերքը։

Հյուղակներից մեկին մոտենալիս ես զարմացել էի շփվելով ողջունելու ընթացքը տեսնելիս, կամ, ինչպես պետք է այն անվանել՝ քիթ-քթի քսելիս։ Հենց որ մենք մոտեցանք, կանայք ամենավշտալի ձայնով սկսեցին արտասանել մի քանի բան. ապա պպզեցին՝ վեր պահելով դեմքները. իմ ուղեկցողը կանգնելով նրանցից վերև, մեկը մյուսի հետևից, իր քթի կամրջակն ուղիղ անկյունով դնելով նրանց կամրջակի վրա, սկսեց սեղմել. Յուրաքանչյուր այսպիսի ողջույն ավելի երկար էր տևում, քան մեզ մոտ ձեռք թոթափելը, և ինչպես որ մեզ մոտ տարբերվում է սեղմումների ուժը, այնպես էլ տարբեր էր նրանց քթերի հպումը։ Այդ պրոցեսի ընթացքում նրանք բավականության ցածր մրթմրթոց էին հանում, որը շատ նման էր այն ձայնին, որ հանում են երկու խոզեր՝ քիթ քթի մոտենալիս։ Ես նկատեցի, որ ստրուկը քիթը քսում էր՝ ում որ հանդիպեր, հաշվի չառնելով, թե այդ անում է իր տիրոջից առա՞ջ, թե հետո։ Թեև այս վայրենիների մեջ տերը բացարձակ իրավունքներ ունի իր ստրուկների կյանքի կամ մահվան վրա, բայց նրանց մեջ բոլորովին բացակայում է որևէ տեսակի ձևականություն։ Մր. Բըրչելը նույն բաները նկատել է և Հարավային Աֆրիկայում, վայրենի բաչապինների մոտ։ Որտեղ քաղաքակրթությունը հասել է որոշ աստիճանի, այնտեղ հասարակության տարբեր խավերի մեջ բարդ ձևականություններ են առաջացել. այսպես՝ Տաիտիում բոլորը ստիպված են թագավորի ներկայության ժամանակ նախօրոք մինչև մեջքները մերկանալ։ Պարտուպատշաճ կերպով ներկա եղող բոլորի հետ քթներս իրար հետ քսելուց հետո կլոր նստեցինք խրճիթներից մեկի դիմաց և այնտեղ հանգստացանք կես ժամ։ Բոլոր խրճիթներն ունեն գրեթե միևնույն ձևը և մեծությունը և բոլորն էլ ծայր աստիճանի կեղտոտ են։ Նրանք նման են անասունի գոմի, մի ծայրը բաց, բայց մի քիչ դեպի ներս՝ ունեն քառակուսի ծակով բարակ պատ, որը կազմում է մի փոքր մռայլ սենյակ։ Այստեղ են պահում նրանք իրենց ամբողջ սեփականությունը, և երբ եղանակը ցուրտ է լինում, այնտեղ են քնում։ Սակայն իրենց ճաշն ու ժամանակն անցկացնում են առջևի բաց մասում։ Երբ իմ ուղեկիցներն իրենց ծխամորճով ծխելը վերջացրին, շարունակեցինք մեր ճանապարհը։ Շավիղն անցնում էր միևնույն ալիքավոր շրջանով՝ ամենուրեք պտերով ծածկված։ Մեր աջ կողմում կար օձաձև գետ, որի թմբերը երկու կողմերից էլ եզերված էին ծառերով, իսկ այս ու այն կողմ բլուրների կողերին պուրակիկներ կային։ Ամբողջ տեսարանը, չնայած իր կանաչ գույնին, ավելի շուտ ամայի տեսք ուներ։ Այսքան մեծ քանակությամբ պտերի ներկայությունն անբերրիության տպավորություն է առաջացնում մարդու մտքում, բայց այդ ճիշտ չէ, որովհետև այնտեղ, որտեղ խիտ պտեր է աճում, հողը մշակելիս պրոդուկտիվ է դառնում։ Տեղական բնակիչներից շատերն այնպես են կարծում, որ այս ամբողջ բաց լայնածավալ դաշտերն սկզբում ծածկված են եղել անտառներով և մաքրել են հրդեհելով։ Ասում են, որ ամենամերկ տեղերն անգամ փորելիս հաճախ գտնում են ձյութանման կոշտ բաներ, որոնք հոսում են կաուրիից (Նոր Զելանդիայի սոճի)։ Տեղացիներն ակներևաբար աննպատակ չեն հրդեհել անտառը, որովհետև պտերը, որը հին ժամանակներում գործածվել է որպես սնունդ, լավ աճում է միայն մաքրված բաց տեղերում։ Այլ կանաչների գրեթե բոլորովին բացակայելը, որն այս կղզու բուսականության ամենանշանակալի կողմերից մեկն է, գուցե կարելի է վերագրել այն բանին, որ երկիրն այստեղ նախապես ծածկված է եղել անտառներով։

Հողը հրաբխային է. որոշ մասերում անցանք լավայի խարամի վրայով. շրջակա մի քանի բլուրների վրա պարզ նկատվում էին խառնարանները։ Թեև տեսարանը ոչ մի տեղ գեղեցիկ չէ և միայն երբեմն է քիչ գեղեցիկ, բայց ես չէի դժգոհում իմ զբոսանքներից։ Ավելի մեծ հաճույք կստանայի, եթե իմ ընկերակիցը՝ նոր-զելանդացի պետը խոսելու արտաքո կարգի կարողություններ չունենար։ Ես հասկանում էի միայն երեք բառ «լավ», «վատ» և «այո», և նրա բոլոր դիտողություններին և առածներին պատասխանում էի այս երեք բառերով, իհարկե չհասկանալով նրա ասածներից և ոչ մի բառ։ Իհարկե, իմ այս պատասխանը բավական էր. ես լավ ունկնդրող էի, համերաշխ անձնավորություն, իսկ նա էլ երբեք չէր դադարում ինձ հետ խոսելուց։

Վերջապես հասանք Ուաիմատ։ Ամայի և անմշակ տարածություններով այդքան անցնելուց հետո անգլիական մի ֆերմայի տան երևալը և նրա զուգված զարդարված դաշտերը, որոնք կարծեք թե այդտեղ էին դրվել կախարդական գավազանի զորությամբ, չափազանց հաճելի էին ինձ համար։ Մր. Ուիլյամսին տանը չգտնելով՝ ես սիրալիր ընդունելություն գտա մր. Դեվիսի տանը։ Նրա ընտանիքի հետ թեյ խմելուց հետո դուրս եկանք ֆերմայի շուրջն զբոսնելու։ Ուաիմատեում երեք մեծ տուն կա, որտեղ ապրում են պարոնայք միսիոնարներ Ուիլյամսը, Դեվիսը և Քլարկը, և նրանց մոտ գտնվում են տեղացի աշխատավորների հյուղակները։ Կողքի բլրի ստորոտում լրիվ հասկերով բարձրանում էին գարու և ցորենի արտերը, իսկ մի այլ տեղ փռվել էին կարտոֆիլի և երեքնուկի արտերը։ Ես չեմ կարող նկարագրել իմ բոլոր տեսածները, այնտեղ կային մեծ այգիների ամեն տեսակի պտուղներով ու կանաչեղեններով, ինչ որ հնարավոր է աճեցնել Անգլիայում։ Որպես օրինակ կարող եմ հիշատակել ծնեբեկը, բակլան, վարունգը, խավրծիլը, խնձորը, տանձը, թուզը, դեղձը, ծիրանը, խաղողը, ձիթապտուղը, հաղարջը, գայլուկը և անգլիական կաղնին, ինչպես և բազմապիսի ծաղիկներ։ Բակի շուրջը գտնվում էին ախոռներ, կալսելու հարմարանքներ, դարբնոց, գետնին՝ գութան և այլ գյուղատնտեսական գործիքներ, իսկ մեջտեղում խոզերի և հավերի երջանիկ խմբերը իրար հետ խառնված ինչպես առհասարակ լինում է անգլիական ֆերմայի բակերում։ Մի քանի հարյուր յարդ հեռու, որտեղ մի փոքրիկ առվակի ջուրը պատնեշների միջոցով լիճ էր գոյացրել, կար մի մեծ և հիմնական ջրաղաց։

Դեկտեմբերի 24.— Առավոտյան տեղական լեզվով ամբողջ ընտանիքի համար աղոթքներ կարդացվեցին։ Նախաճաշից հետո ես շրջում էի ֆերմայում և պարտեզներում։ Այդ օրը շուկայի օր էր, երբ շրջակա փոքր գյուղերի բնիկները բերում են իրենց կարտոֆիլը, եգիպտացորենը, կամ խոզերը, ծխախոտի և երբեմն էլ օճառի հետ փոխանակելու համար։ Մր. Դեվիսի անդրանիկ որդին, որն ունի իր անձնական ֆերման, շուկան ղեկավարողն է։ Միսիոնարների երեխաները, որոնք կղզին գալու ժամանակ փոքր են եղել, տեղական լեզուն ավելի լավ են հասկանում, քան իրենց ծնողները, և ավելի հեշտությամբ են կարողանում տեղացիներին այս կամ այն աշխատանքը կատարելու ցուցումներ տալ։

Կեսօրից քիչ առաջ մր. մր. Ուիլյամսը և Դեվիսը և ես միասին գնացինք դեպի մոտակա անտառը՝ հռչակավոր կաուրի սոճին ինձ ցույց տալու համար։ Ես չափեցի այս հոյակապ ծառերից մեկը, որն արմատից վերև ուներ երեսունմեկ ոտնաչափ շրջագիծ։ Նրան շատ մոտիկ կար և մի ուրիշը, որ ես չտեսա, և որն ուներ երեսուներեք ոտնաչափ շրջագիծ։ Ասում էին, որ կա և մի ուրիշը, որն ունի ոչ պակաս քան քառասուն ոտնաչափ շրջագիծ։ Այս ծառերը հայտնի են իրենց ողորկ, գլանաձև բներով, որոնք բարձրանում են մինչև վաթսուն ոտնաչափ. կան այնպիսիները, որոնք հասնում են իննսունի՝ բոլոր մասերում գրեթե հավասար տրամագծով, առանց որևէ ճյուղի։ Ճյուղերի պսակը գագաթում, բնի նկատմամբ, չափազանց փոքր է, տերևներն էլ, ճյուղերի հետ համեմատած, փոքր են։ Անտառն այստեղ գրեթե ամբողջապես կաուրիից էր կազմված, իսկ ամե-

նամեծ ծառերն իրենց կողերի զուգահեռականությամբ կանգնել էին ինչպես անտառի հսկա սյուներ։ Կղզու ամենաարժեքավոր պրոդուկցիան կաուրիի ատաղձն է. բացի այդ, նրա կեղևից ձյութ է կաթում, որը ծախում են ամերիկացիներին՝ ֆունտը մեկ պեննիով, բայց նրա գործածությունն այն ժամանակ հայտնի չէր։ Նոր Զելանդիայի անտառների որոշ մասեր պետք է որ արտասովոր աստիճանի անթափանց լենեն։ Մր. Մաթյուսն ասում էր, որ մի անտառ, որի լայնությունը միայն երեսունչորս մղոն է և երկու բնակելի շրջան բաժանում է իրարից, միայն վերջին ժամանակներս են առաջին անգամ անցել։ Նա և մի այլ միսիոնար, յա.րաքանչյուրը մոտ հիսուն հոգուց կազմված խմբով, ձեռնարկում են մի ճանապարհ բաց անել, բայց այդ նրանց վրա նստում է ավելի քան երկու շաբաթվա աշխատանք։ Անտառներում շատ քիչ թռչուն տեսա։ Ինչ վերաբերում է կենդանիներին, ապա չափազանց նշանակալի փաստ է այն, որ այդպիսի մի մեծ կղզում, որն ըստ աշխարհագրական լայնության տարածվում է ավելի քան 700 մղոն, իսկ շատ մասերում ունի իննսուն մղոն լայնություն, տեղական տարբեր պայմաններ, գեղեցիկ կլիմա, տարբեր բարձրության մակերես,— 14000 ոտնաչափից սկսած՝ մինչև ծովի մակերևույթը, բացառությամբ մի փոքր առնետի՝ ուրիշ ոչ մի բնիկ կենդանի չկա։ Dinornis թռչունների հսկա սեռի զանազան տեսակները կարծեք թե այստեղ փոխարինում են կաթնասուն չորքոտանիներին ճիշտ այնպես, ինչպես այժմ սողունները Գալապագոսի արշիպելագում։ Ասում են, որ նորվեգիական սովորական առնետն այնքան կարճ ժամանակում, ինչպես երկու տարին է, կղզու հյուսիսային ծայրում ոչնչացրել է նոր-զելանդական տեսակը։ Շատ տեղերում ես նկատեցի զանազան տեսակի խոտեր, որոնց, ինչպես առնետներին, ստիպված էի հայրենակիցներ համարել։ Մի պրաս գրավել է ամբողջ շրջաններ և շատ նեղություն է պատճառում, բայց նա որպես բարիք ներմուծվել է այստեղ մի ֆրանսիական նավով։ Սովորական ավելուկը նույնպես փռված է ամեն կողմ, և վախենում եմ, որ ընդմիշտ մնա որպես մի անգլիացու սրիկայության ապացույց, որն այս բույսի սերմերը ծախել է ծխախոտի փոխարեն։ Մեր հաճելի զբոսանքից տուն վերադառնալով ճաշեցի մր. Ուիլյամսի հետ և ապա ձիով վերադարձա կղզիների խորշիկը։ Վերջին անգամ հրաժեշտ տվի միսիոնարներին՝ հայտնելով իմ շնորհակալությունը նրանց բարի ընդունելության համար։

Ծննդյան օրը.— Մի քանի օր հետո լրանում է Անգլիայից բացակայելու չորրորդ տարին։ Ծննդյան առաջին օրն անցկացրինք Պլիմուտում, երկրորդը՝ Ա. Մարտինի ծոցում, Եղջերու հրվանդանի մոտ, երրորդը՝ Պորտ Դեգիրեում (Պատագոնիա), չորրորդը՝ մի ամայի նավահանգստում խարիսխ գցած՝ Տրես Մոնտես թերակղզու մոտ, հինգերորդն այստեղ, իսկ հաջորդը, ես հավատում եմ նախախնամությանը, կլինի Անգլիայում։ Մենք այցելեցինք Պահիայի մատուռը՝ եկեղեցական արարողություններին ներկա լինելու համար. ծիսակատարությունը մասամբ կատարվեց անգլերեն և մասամբ տեղական լեզվով։ Նոր Զելանդիայում եղած ժամանակ չլսեցինք այդ օրերում տեղի ունեցող մարդակերության դեպքի մասին, բայց մր. Ստոքսը մի փոքր կղզում, խարսխին մոտիկ, գտել է մարդու այրված ոսկրներ՝ օջախի շուրջը փռված, բայց այդ հանգստավետ ճաշկերույթի մնացորդներն այդտեղ ընկած կարող են լինել մի քանի տարի առաջ։ Հավանորեն այս ժողովրդի բարոյական վիճակն արագ կերպով կլավանա։

Դեկտեմբերի 26.— Մր. Բըշբին առաջարկեց ինձ և մր. Սելիվանին իր նավակով տանել Կավա-Կավա գետով մի քանի մղոն վեր, և ապա այնտեղից ոտքով՝ Ուայոմիո գյուղը, որտեղ որոշ հետաքրքրական ապառներ կան։ Մենք թիավարելով անցնում էինք գեղեցիկ տեսարանների միջով և վայելում թիավարության մեծ հաճույքը, եկանք մի գյուղ, որտեղից այն կողմ նավակն այլևս անցնել չէր կարող։ Այստեղից մի ղեկավար և մի խումբ մարդիկ կամավոր կերպով համաձայնեցին առաջնորդել մեզ Ուայոմիո, չորս մղոն հեռավորության վրա։ Ղեկավարն այդ ժամանակ հանրածանոթ էր դարձել վերջերս իր կանանցից մեկին և մի ստրուկի անառակությամբ զբաղվելու պատճառով կախելու համար։ Երբ միսիոնարներից մեկն առարկում է նրան, նա զարմացած ասում է՝ մի՞թե Անգլիայում նույն կերպ չեն վարվում։ Ծերունի Շոնգին՝ որը պատահմամբ այն ժամանակ էր եղել Անգլիայում, երբ տեղի էր ունենում թագուհու դատավարությունը, արտահայտում է իր մեծ անհավանությունը և զարմանքն ամբողջ գործի նկատմամբ, նա ասում է, որ ինքը հինգ կին ունի և ավելի շուտ հնգի վիզն էլ կկտրի, քան այդքան նեղություն կկրի մեկի համար։ Թողնելով այս գյուղը՝ անցանք մի այլ գյուղի վրայով, որը գտնվում էր մի փոքր հեռու բլրի փեշերին։ Մի ղեկավարի աղջիկ, որը դեռ հեթանոս էր, հինգ օր առաջ մեռել էր այնտեղ։ Այն խրճիթը, որտեղ նա ավանդել էր հոգին, ամբողջովին այրել էին. նրա մարմինը տեղավորելով երկու փոքրիկ նավակների մեջ՝ ուղղաձիգ կերպով դրել էին գետին և պաշտպանել փակ շրջանակով, որի վրա գրված էին իրենց աստվածների փայտյա արձանները. ամեն ինչ ներկել էին վառ-կարմիր գույնով, որպեսզի նկատելի լինի հեռվից։ Նրա զգեստն ամրացրել էին գագադին, իսկ մ աղերը կտրած փռել էին ոտների տակ։ Ընտանիքի բարեկամները ծվատել էին իրենց թևի, մարմնի և դեմքի միսը, այնպես որ նրանք ծածկվել էին լերդացած արյունով, իսկ ծեր կանայք չափազանց կեղտոտ, զզվելի տեսք էին ստացել։ Հաջորդ օրն սպաներից մի քանիսն այցելեցին այդ վայրը. նրանք պատմում էին, որ կանայք դեռ շարունակում էին լաց ու կոծ անել և իրենց ծվատել։ Շարունակեցինք մեր Ճանապարհը և շուտով հասանք Ուայոմիո։ Այստեղ կրաքարի եզակի զանգվածներ կան՝ ավերված բերդի նման։ Այս ժայռերը երկար ժամանակ ծառայել են որպես գերեզմանատներ, հետևաբար և համարվել են սրբություններ, որոնց մերձենալ չի կարելի։ Երիտասարդներից մեկը բղավեց «բոլորս քաջ լինենք», և վազեց առաջ, բայց հարյուր յարդի վրա ամբողջ խումբը կանգ առավ և առաջ չշարժվեց։ Սակայն կատարյալ անտարբերությամբ նրանք թույլ տվին մեզ ամբողջ վայրը քննել։ Այս գյուղում մնացինք մի քանի ժամ, և այդ ժամանակ մի մեծ վեճ էր բացվել որոշ հողերի վաճառքի իրավունքի մասին։ Մի ծերունի, որն ըստ երևույթին հայտնի գենեալոգիստ (ազգագիր) էր, հերթով տալիս էր բոլոր նախկին կալվածատերերի անունները՝ յուրաքանչյուր անգամ փայտի մի կտոր դեպի գետինը նետելով։ Նախքան տները թողնելը մեր խմբի յուրաքանչյուր անդամին տրվեց մի փոքրիկ կողով քաղցր կարտոֆիլ, և մենք բոլորս սովորության համաձայն վերցրինք հետներս՝ ճանապարհին ուտելու համար։ Ես նկատեցի, որ խոհարար կանանց հետ աշխատում էր և մի ստրուկ տղամարդ, այսպիսի ռազմասեր երկրում չափազանց նվաստ բան է տղամարդու համար զբաղվել այնպիսի մի գործով, որը համարվում է կնոջ ամենացածր աշխատանքը։ Ստրուկներին չի թույլատրվում կռիվ գնալ, բայց այս հավանորեն դաժան օրենք չի համարվում։ Ես լսեցի մի խեղճ ողորմելու մասին, որը կռվի ժամանակ փախել էր դեպի թշնամու կողմը, հանդիպելով երկու մարդու՝ բռնվել էր, բայց որովհետև նրանք չէին կարող համաձայնվել, թե ո՛ւմ էր պատկանելու նա, երկուսն էլ կանգնել էին նրա գլխին՝ քարե կացինը ձեռներին, և թվում է, թե յուրաքանչյուրն առնվազն այն էր մտածում, որ մյուսը նրան կենդանի չպիտի տանի։ Խեղճ մարդը, վախից գրեթե մեռած, ազատվեց միայն ղեկավարի կնոջ միջամտությունից հետո։ Այնուհետև մեծ հաճույքով վերադարձանք դեպի նավակը, բայց նավին հասանք ուշ գիշերին։

Դեկտեմբերի 30.— Կեսօրից հետս դուրս եկանք Կղզիների Ծոցից և ուղղվեցինք դեպի Սիդնեյ։ Հավատացած եմ, որ բոլորս էլ ուրախ էինք, որ թողնում էինք Նոր Զելանդիան։ Հաճելի տեղ չէ այն։ Այստեղ տեղացիները չունեն այն զմայլելի պարզությունը, որն ունի տաիտցին, իսկ այստեղի անգլիացիների մեծ մասը պատկանում են հասարակության ցածր խավերին. ոչ էլ երկիրն է հրապուրիչ։ Դուրս գալով այդտեղից՝ ետ եմ նայում միայն դեպի մի կետ — Ուաիմատեն է այդ՝ իր քրիստոնյա բնակիչներով։


ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՎՍՏՐԱԼԻԱ

Սիդնեյ.— Էքսկուրսիա դեպի Բաթուրստ.— Անտառների տեսքը.— Տեղացիների խմբեր.— Բնիկների աստիճանական անհետացումը— Վարակում, որն առաջանում է առողջ մարդկանց մոտենալուց.— Կապույտ լեռներ.— Լայն և խորը հովիտների տեսքը.— Նրանց ծագումը և կազմվելը.— Բաթուրստ, ստորին խավերի ընդհանուր քաղաքավարությունը.— Հասարակության վիճակը.— Վանդիմենի Երկիրը.— Հոբարտ քաղաքը.— Տեղացիներն ամբողջովին աքսորված.— Վելինգտոնի սարը.— Գևորգ թագավորի խորշը.— Երկրի տխուր տեսքը.— Բnլդ Հեդ, ծառերի ճյուղերի կրային հետքեր.— Տեղացիների խմբեր.— Հրաժեշտ Ավստրալիային։

Հունվարի 12, 1836.— Առավոտյան կանուխ մի թեթև քամի տանում էր մեզ դեպի Պորտ Ջեքսընի մուտքը։ Զարդարված գեղեցիկ տներով կանաչ երկիր տեսնելու փոխարեն մեր աչքերին ներկայանում էր դեղնավուն ժայռերի մի ուղիղ գիծ, որը հիշեցնում էր մեզ Պատագոնիայի ափերը։ Միայն մի մենավոր փարոս, սպիտակ քարից շինված, վկայում էր, որ մենք գտնվում էինք մի մեծ և բազմամարդ քաղաքի մոտ։ Երբ մտնում եք նավահանգիստը, նա իր հորիզոնական շերտավոր ավազաքարե ժայռոտ ափերով գեղեցիկ և ընդարձակ է երևում։ Մոտավորապես հարթ երկիրը ծածկված է մանր թփանման ծառերով, որոնք խոսում են անբերրիության նզովքի մասին։ Գնալով խորքերը՝ երկիրը լավանում է։ Ծովեզրին այս ու այն կողմ փռված են գեղեցիկ վիլլաները և տնակները։ Հեռվում երկու-երեք հարկանի քարե տները և մի թմբի վրա կանգնած հողմաղացները ցույց էին տալիս, որ մենք գտնվում ենք Ավստրալիայի մայրաքաղաքի մոտակայքում։

Վերջապես խարիսխ գցեցինք Սիդնեյի խորշում։ Այդ փոքրիկ ավազանն ամբողջովին գրավված էր բազմաթիվ նավերով և շրջապատված էր պահեստներով։ Երեկոյան գնացի քաղաք և վերադարձա ամբողջ տեսարանի վերաբերյալ լի հիացմունքներով։ Այստեղ, համեմատաբար ավելի քիչ խոստմնալից երկրում, մի քանի տասնյակ տարում մի քանի անգամ ավելի շատ բան է կատարվել, քան նույնքան դարերն են կարողացել անել Հարավային Ամերիկայում։ Հետագայում ավելի մանրամասն դիտելով քաղաքը՝ հիացմունքս գուցե քիչ պակասեց, այնուամենայնիվ նա գեղեցիկ քաղաք է։ Փողոցները կանոնավոր են, լայն, մաքուր և պահվում են շատ լավ վիճակում։ Տները բավականին մեծ են, խանութները՝ լավ կահավորված։ Այդ քաղաքը ճիշտ կերպով կարելի է համեմատել Լոնդոնից դուրս տարածվող մեծ արվարձանների հետ և Անգլիայի մի քանի այլ մեծ քաղաքների հետ, բայց ոչ Լոնդոնի արվարձանները և ոչ էլ Բիրմինգհամը նման արագ աճում չեն ցուցաբերել։ Մեծ տների և նոր ավարտված շենքերի թիվը իսկապես զարմանալի էր, այնուամենայնիվ ամեն ոք գանգատվում էր բնակարանային բարձր վարձից և տուն ձեռք բերելու դժվարությունից։ Եկած լինելով Հարավային Ամերիկայից, որտեղ քաղաքներում յուրաքանչյուր սեփականատերի ճանաչում են բոլորը, ինձ ոչ մի բան այնքան չէր զարմացնում, որքան այն, որ չէի կարող անմիջապես իմանալ, թե ում էր պատկանում այս կամ այն կառքը։

Ես վարձեցի մի ուղեկցող և երկու ձի՝ ինծ Բաթուրստ տանելու համար։ Բաթուրստը մի գյուղ է, հարյուր քսան մղոն դեպի երկրի խորքը, և կենտրոնն է մի անասնապահական մեծ շրջանի։ Հույս ունեի, որ այսպիսով կկարողանամ մի ընդհանուր գաղափար կազմել երկրի տեսքի մասին։ 16-ի (հունվար) առավոտյան սկսեցի իմ էքսկուրսիան։ Առաջին կայանը Պարամատան էր, մի փոքրիկ գյուղաքաղաք, որն իր կարևորությամբ ետ էր մնում միայն Սիդնեյից։ Ճանապարհներն սքանչելի էին, Մակ-Ադամի սկզբունքով կաոուցված, և քարն այդ նպատակի համար բերված էր մի քանի մղոն հեռավորությունից։ Բոլոր կողմերով նմանությունն Անգլիայի հետ շատ մեծ է, գուցե այստեղ գինետներն են ավելի շատ։ Տաժանակիրների կամ հանցապարտների խմբերը, որոնք որոշ հանցանք կամ ոճիր են գործել, ամենից քիչ էին նման անգլիականին։ Նրանք աշխատում էին շղթայակապ, հրացանները լցրած պահակների հսկողության տակ։ Հարկադիր աշխատանքով երկրի բոլոր մասերում անմիջապես լավ ճանապարհներ բաց անելու կարողությունն իմ կարծիքով այս գաղութի սկզբնական բարգավաճման գլխավոր պատճառներից մեկն է։ Գիշերը ես քնեցի մի շատ հանգստավետ հյուրանոցում, Էմու Ֆերիում, Սիդնեյից երեսունհինգ մղոն հեռու, Կապույտ Լեռների ստորոտին մոտիկ։ Այս ճանապարհն ամենաբանուկն է, և ամբողջ գաղութում ամենից առաջ այս ճանապարհի երկայնքով են գաղթականները բնակություն հաստատել։ Ամբողջ կալվածքը շրջապատված է փայտյա բարձր ցցերով, որովհետև ագարակատերերին չի հաջողվել ցանկատունկեր աճեցնել։ Բոլոր կողմերում երևում են հիմնական տներ և լավ խրճիթներ. չնայած որ հսկայական տարածություններ այժմ մշակվում են, բայց մեծ մասը դեռ մնում է անմշակ, սկզբնական վիճակում։

Նոր Հարավային Ուելսի մեծ մասի տեսարանների ամենազարմանալի կողմը բուսականության ծայր աստիճանի միօրինակությունն է։ Ամեն տեղ մենք ունենք բաց անտառներ, գետինը մասամբ ծածկված է չափազանց նոսր և վտիտ արոտով։ Գրեթե բոլոր ծառերը պատկանում են մի ընտանիքի և տերևները մեծ մասամբ դասավորված են ուղղաձիգ դիրքով, և ոչ եվրոպականի նման, որը մոտավորապես հորիզոնական է։ Ծառերի սաղարթն աղքատ է և ունի յուրահատուկ բաց-կանաչ գույն, առանց փայլի։ Այս պատճառով էլ անտառները նոսր են և առանց ստվերի։ Թեև այրող արևի տակ ճանապարհորդողի համար այդ ցանկալի չէ, բայց երկրագործների համար շատ օգտակար է, որովհետև արևը, թափանցելով անտառի հատակը, հնարավոր է դարձնում այնտեղ կանաչի աճումը։ Տերևները չեն թափվում պարբերաբար. թվում է թե այս ընդհանուր է ամբողջ հարավային կիսագնդի, այն է՝ Հարավային Ամերիկայի, Ավստրալիայի և Բաբեհուսո հրվանդանի համար։ Այս կիսագնդի և միջարևադարձային գոտիների բնակիչներն այսպիսով կորցնում են աշխարհի գուցե ամենափառավոր, թեև մեր աչքերի համար սովորական, տեսարաններից մեկը — անտերև ծառերի առաջին լրիվ սաղարթավորումը գարնանը։ Գուցե նրանք ասեն, որ մենք այս տեսարանների համար բավականին թանկ ենք վճարում, որովհետև մեզ մոտ երկիրը մի քանի ամիս ծածկված է լինում մերկ կմախքներով։ Այս նույնպես ճիշտ է, բայց այսպիսով մեր զգայարանները ձեռք են բերում սուր ճաշակ գարնան պճնասեր կանաչը վայելելու համար, որը երբեք չի վիճակվում արևադարձային շրջաններում ապրողների աչքերին, որոնք ամբողջ տարին հագեցած են լինում այդ հրավառ կլիմաների շքեղ արտադրույթներով։ Ծառերը մեծ մասամբ, բացառությամբ մի քանի կոպտատերև էվկալիպտների, մեծ չեն լինում, բայց բարձր են և բավականին ուղիղ ու իրարից հեռու։ Էվկալիպտների (Eucalypti) կեղևը յուրաքանչյուր տարի թափվում է, կամ երկար ծվենների ձևով կախվում մեռած, որոնք օրորվում են քամու հետ և անտառին տալիս են ամայի և թափթփած տեսք։ Ես չեմ կարող պատկերացնել բոլոր կողմերով ավելի կատարյալ կոնտրաստ, քան այն, որ գոյություն ունի Չիլսեի կամ Վալդիվիայի և Ավստրալիայի անտառների միջև։

Արևը մայր մտնելիս քսան հոգուց բաղկացած սևամորթ տեղացիների մի խումբ անցավ մեր մոտով, յուրաքանչյուրը տանելով, սովորական ձևով, մի խուրձ տեգ և այլ զենքեր։ Մի առաջավոր երիտասարդի տալով մի շիլինգ, նրանք մեծ հոժարությամբ կանգ առան և իմ ցանկության համաձայն նետեցին տեգերը։ Նրանք բոլորն էլ կիսով չափ էին հագնված, մի քանիսը քիչ խոսում էին անգլերեն։ Նրանք ունեին դեմքի զվարթ ու հաճելի արտահայտություն, և ինձ այնպես ցածր արարածներ չէին թվում, ինչպես սովորաբար ներկայացնում են։ Իրենց ազգային վարժություններում սքանչելի են։ Երեսուն յարդ հեռավորության վրա դրված գլխարկը նրանք մեխեցին նիզակով, և այդ ժամանակ նիզակը սվնակից այնպես արագ սլացավ, ինչպես նետն աղեղնաձիգի աղեղից։ Կենդանիներին կամ մարդկանց հետապնդելիս նրանք ցուցաբերում են զարմանալի խելացիություն. ես լսեցի նրանց մի քանի դիտողությունները, որոնք արտահայտում էին բավականին խելամտություն։ Այս բոլորից հետո պետք է ավելացնել, որ նրանք հողը չեն մշակում, տուն չեն շինում և նստակյաց կյանք չունեն. մինչև անգամ նրանք նեղություն չեն կրում իրենց տրված ընտանի կենդանիները պահելու։ Ընդհանուր առմամբ քաղաքակրթությամբ սրանք մի քանի աստիճան ավելի բարձր են կանգնած, քան հրո-երկրացիները։

Չափազանց հետաքրքրական է այսպես տեսնել քաղաքակիրթ մարդկանց մեջ մի խումբ անվնաս վայրենիներ, որոնք թափառում են ամեն կողմ՝ առանց գիտենալու, թե որտեղ են քնելու գիշերը, և իրենց ապրուստը հայթայթում են անտառներում որսալով։ Սպիտակամորթները շարժվելով դեպի ներկրի խորքերը, ստիպել են նրանց ցրվելու այլ ցեղերի պատկանող երկրներում։ Այս ցեղերը, չնայած որ շրջապատված են մի ընդհանուր ժողովրդով, սակայն պահում են իրենց հին ցեղային առանձնահատկությունները և երբեմն դուրս են գալիս իրար դեմ կռվի։ Վերջին ժամանակներս տեղի ունեցող կռվի ժամանակ երկու կողմերն էլ որպես ռազմաբեմ ընտրել էին Բաթուրստ գյուղի կենտրոնը։ Այս շատ նպաստավոր էր պարտվող կողմի համար, որովհետև փախուստի դիմող ռազմիկներն ապաստանում էին տներում։

Բնիկների թիվը հետզհետե նվազում է։ Իմ ամբողջ ճանապարհորդության ընթացքում, բացառությամբ մի քանի տղաների, որոնց բերել էին անգլիացիները, ես տեսա տեղացիների միայն մի խումբ ևս։ Այս նվազումն անկասկած մասամբ արդյունք է ոգելից խմիչքների և եվրոպական հիվանդությունների (որոնց համեմատաբար մեղմ տեսակներն անգամ, ինչպես, օրինակ, կարմրուկը,[189] չափազանց ավերիչ հետևանքներ են թողնում) մուտք գործելուն և մասամբ էլ վայրի կենդանիների աստիճանական նվազեցման։ Ասում են, որ նրանց երեխաները մատաղ հասակում, թափառական կյանքի հետևանքով, ոչնչանում են, և որովհետև սնունդ ճարելու դժվարությունը հետզհետե մեծանում է, դրա հետ մեծանում է և նրանց թափառելու սովորությունը։ Այստեղից էլ բնակչությունն, առանց ակներև սովամահության դեպքերի, ճզմվում, սեղմվում է վերին աստիճանի արագ և հանկարծակի։ Քաղաքակրթված երկրում հայրը ծանր աշխատանքից վնասում է իրեն, բայց իր սերունդը չի ոչնչանում։

Բացի այս ոչնչացման մի քանի ակներև, պատճառներից, թվում է թե գոյություն ունեն նաև ավելի խորհրդավոր ազդակներ։ Որտեղ nտ է դրել եվրոպացին, այնտեղ մահը հետապնդել է բնիկին։ Մենք կարող ենք նայել լայնատարած Ամերիկաներին, Պոլինեզիային, Բարեհուսո հրվանդանին և Ավստրալիային. ամենուրեք կգտնենք միևնույն հետևանքը։ Միայն սպիտակամորթը չէ, որ կատարում է ոչնչացնողի դերը։ Մալայան ծագում ունեցող պոլինեզիացին Արևելյան Հնդկաստանի արշիպելագի որոշ մասերում իր առջևից քշել, հեռացրել է սևամորթ բնիկին։ Մարդկային փոփոխակները, թվում է թե, այնպես են ներգործում մեկը մյուսի վրա, ինչպես կենդանական տարբեր տեսակները — միշտ թույլը ոչնչանում է ուժեղի կողմից։ Չափազանց տխուր էր լսել գեղեցիկ և եռանդուն նոր-զելանդացու թախծոտ բառերը, թե իրենք շատ լավ գիտեն, որ երկիրն իրենց որդիների ձեռքից դուրս է գալիս, որ նրանց ճակատագիրը պարզ էր իրենց։ Ամեն ոք լսած կլինի կապիտան Կուկի ճանապարհորդությունից հետո մինչև այժմ գեղեցիկ և առողջարար Տաիտի կղզու բնակչության անբացատրելի նվազումը. չնայած որ պետք է նրանց թիվն ավելանար, որովհետև մանկասպանությանը, որ նախքան եվրոպացիների գնալը անսովոր չափերի էր հասնում, այժմ վերջ է տրված, անբարոյականությունը նվազել է, իսկ արյունահեղ պատերազմներն ավելի քիչ են պատահում։

Արժանահարգո Ջ. Ուիլյամսն իր հետաքրքրական աշխատության[190] մեջ ասում է, որ տեղացիների և եվրոպացիների միջև տեղի ունեցող մերձեցմանն անխուսափելիորեն զուգակցում են մալարիան, դեզինտերիան և այլ հիվանդություններ, որոնք անխնա հնձում են տեղական ժողովրդին։ Բացի այդ, նա պնդում է, թե «անվիճելի փաստ է, որ հիվանդությունների մեծ մասը, որոնք ավերմունք էին գործում կղզիներում, երբ ես այնտեղ էի, նավերն[191] են բերել, և զարմանալին այն է, որ նավի անձնակազմը, որը հանդիսանում էր այս կործանարար հիվանդությունների փոխանցողը, բոլորովին ազատ էր այդ հիվանդություններից»։ Այս բանն այնքան զարմանալի չէ, ինչպես այդ թվում է սկզբում, որովհետև շատ դեպքեր են հայտնի, երբ ամենավտանգավոր հիվանդությունները տարածվել են այնպիսի մարդկանց միջոցով, որոնք իրենք բոլորովին չեն հիվանդացել։ Գևորգ III-ի իշխանության սկզբի օրերին մի բանտարկյալի, որին փակել էին զնդանում, չորս ոստիկաններ կառք են նստեցնում և բերում մագիստրատի առջև, և, չնայած որ բանտարկյալը բոլորովին առողջ էր, չորս ոստիկանները նեխվող տենդով բռնվելով՝ կարճ ժամանակից հետո մեռնում են, բայց վարակը սահմանափակվում է միայն այդ չորս ոստիկաններով, ուրիշ ոչ ոք չի վարակվում։ Այս փաստերից երևում է, որ կարծեք թե որոշ մարդկանց արտաշնչումը, որոնք միասին փակված են նույն տեղում, թունավոր է դառնում, երբ շնչում են այլ մարդիկ, և հավանորեն այդ ազդեցությունն ավելի ուժեղ է, եթե մարդիկ պատկանում են տարբեր ցեղերի։ Որչափ էլ այս հանգամանքը խորհրդավոր թվա, այնուամենայնիվ ավելի զարմանալի չէ, քան այն, որ երկու ընկերներից մեկի մարմինը մեռնելուց անմիջապես հետո, նախքան նեխումն սկսվելը, հաճախ այնպիսի ժանգաբեր հատկություն է ունենում, որ նրա անդամահատության համար գործածված ինստրումենտի մի փոքրիկ ծակոցն անգամ մահ է պատճառում։

Հունվարի 17.— Վաղ առավոտյան նավակով անցանք Նեպինը։ Գետն այստեղ թեև լայն էր և խոր, բայց շատ դանդաղ էր հոսում։ Անցնելով մյուս ափին գտնվող մի հարթ տարածություն, հասանք Կապույտ Լեռների ստորոտը։ Լեռը բարձրանալու ճանապարհն այնքան թեք չէ, ավազաքարե գահավանդի կողքին, մեծ խնամքով ճանապարհ է բացված։ Գագաթին տարածվում է գրեթե տափարակ հարթավայր, որը դեպի արևմուտք աննկատելիորեն բարձրանալով՝ հասնում է ավելի քան 3000 ոտնաչափ բարձրության։ Երբ մեկը լսում է այդ լեռների անունը և բացարձակ բարձրությունը, պատկերացնում է լեռների սեպաձև շղթաներ, որոնք կտրում անցնում են երկրի միջով, այս բոլորի փոխարեն նա կտեսնի մի թեք հարթավայր, որը ծովափի հարթավայրի նկատմամբ կազմում է աննկատելի բարձրություն։ Այս առաջին լանջի արևելյան կողմում գտնվող անտառի տեսարանը հետաքրքրական էր, և շրջապատի ծառերն աճում էին բարձր ու փարթամ։ Բայց ավազաքարի պլատֆորմին հասնելիս՝ տեսարանը դառնում է ծայր աստիճան միակերպ։ Ճանապարհը երկու կողմից էլ եզերված է Eucalyptus-ի տանիքի թփուտանման անվերջ ծառերով։ Բացառությամբ երկու կամ երեք փոքր պանդոկների, ուրիշ տուն կամ մշակված տարածություն չկա, ճանապարհն ամայի է, ամենից հաճախակի երևացող օբեկտը եզան սայլն է՝ բրդի հակերով բարձած։

Կեսօրին ձիերին հանգիստ տվինք մի փոքր պանդոկում, որը կոչվում է Ուետերբորդ։ Երկիրն այստեղ ծովից 2800 ոտնաչափ բարձր է։ Այստեղից մեկ և կես մղոն հեռու կա մի վերին աստիճանի հետաքրքրական տեսարան, որն արժանի է այցելության։ Անհրաժեշտ էր հետևել մի փոքր հովտից հոսող փոքրիկ առվակի։ Ճանապարհը շրջապատող ծառերի միջից անսպասելիորեն մարդու առջև բացվում է մի վիթխարի ծոց, 1500 ոտնաչափ խորությամբ։ Մի քանի յարդ առաջ շարժվելով՝ մարդ կանգնում է մի անհուն անդունդի եզրին և ներքևում տեսնում մի մեծ ծոց (ծոց եմ ասում, որովհետև ուրիշ անուն տալ չեմ կարող), ծածկված խիտ անտառով։ Կարծես թե կանգնած եք ծոցի ծայրին. ապառաժների շարքերը տարածվում են երկու կողմերում և ներկայացնում են իրար հաջորդող գահավանդներ, ինչպես լինում են ծովափերին։ Այս գահավանդները կազմված են սպիտակ ավազաքարի հորիզոնական շերտերից և այնպես ուղղաձիգ են, որ մեկը կանգնելով նրանց ծայրին և ներքև մի քար նետելով՝ կտեսնի այն անդունդի ծառերի վրա ընկնելիս։ Այնպես անբեկ է գահավանդների շարքը, որ այս փոքրիկ առվակից կազմված ջրվեժի տակը հասնելու համար պետք է տասնվեց մղոն պտույտ տալ։ Մոտ հինգ մղոն հեռու, դիմացը տարածվում է գահավանդների մի այլ շարք, որն այսպիսով կարծեք թե շրջապատում է հովիտը։ Այս հանգամանքն արդարացնում է Ծոցիկ անունը, որ տրվել է այս մեծ ամֆիթատրոնային անդունդին։ Եթե պատկերացնենք մի ոլորապտույտ նավահանգիստ, որի խոր ջրերը, գահավանդանման ցցված ափերով շրջապատված, ցամաքել չորացել են և նրա ավազուտ հատակից բարձրացել է մի անտառ, այդ դեպքում կունենանք այստեղ ներկայացված կառուցվածքը և տեսարանը։ Այս տեսարանն ինձ համար բոլորովին նոր էր և վերին աստիճանի փառավոր։

Երեկոյան հասանք Բլեքհեթ։ Ավազաքարի բարձրավանդակն այստեղ հասնում է 3400 ոտնաչափ բարձրության և նախորդ վայրերի նման ծածկված է միևնույն թփուտանման ծառերով։ Ճանապարհի զանազան կետերից հաճախ երևում էր մի անդնդախոր հովիտ՝ վերը նկարագրված հովտի նման, բայց այս հովտի խորության և կողերի թեքության պատճառով հնարավոր չէր հատակը տեսնել։ Բլեքհեթը շատ լավ ու հարմար պանդոկ է, որը պահում է մի հին զինվոր. նա ինձ հիշեցնում էր Նորդ Ուելսում եղած փոքրիկ պանդոկները։

Հունվարի 18.— Առավոտյան շատ վաղ դուրս եկա մոտ երեք մղոն հեռու գտնվող Գովետի Լիպը տեսնելու համար,— մի տեսարան, որն իր բնույթով նման է Ուետերբորդի շրջակայքի տեսարանին, բայց հավանորեն ավելի զարմանալի է և ապշեցուցիչ։ Առավոտյան այդպես վաղ ծոցը լցված էր ոչ թանձր կապույտ մշուշով, որը թեև ոչնչացնում էր տեսարանի ընդհանուր էֆեկտը, բայց ավելի խոր էր ցույց տալիս անդունդը, որի հատակին, մեր ոտքերի տակ, բարձրանում էր անտառը։ Այս հովիտները, որ երկար ժամանակ ներկայացնում էին մի անհաղթելի պատվար ամենաձեռներեց կոլոնիստների՝ երկրի խորքերը թափանցելու փորձերի դեմ, վերին աստիճանի նշանակալից են։ Այդ հովիտների վերին ծայրերից հաճախ սկիզբ են առնում թևանման երկար ծոցեր և թափանցում ավազաքարի պլատֆորմը, մյուս կողմից՝ այս պլատֆորմից դեպի հովիտն են ձգվում հրվանդաններ, որոնց մեջ խրված, գրեթե կղզիացած, բարձրանում են մեծ զանգվածներ։ Այս հովիտներից մի քանիսի մեջ իջնելու համար անհրաժեշտ է քսան մղոն պտույտ գործել, իսկ մի քանիսի մեջ հետազոտություն կատարողները միայն վերջերս են թափանցել, իսկ կոլոնիստները դեռ չեն կարողացել իրենց անասունները նրանց մեջ քշել։ Նրանց կառուցվածքի ամենանշանակալի կողմն այն է, որ թեև իրենց հիմքում մի քանի մղոն լայնություն ունեն, բայց դեպի հովտի բերանը հետզհետե այնքան են նեղանում, որ գրեթե անանցանելի են դառնում։ Գլխավոր հետազոտող սըր Տ. Միչելը[192] իզուր էր ջանում, նախ քայլելով և ապա ավազաքարերի ընկած մեծ բեկորների միջով սողոսկելով, բարձրանալ այն կիրճով, որի միջով Գրոս գետը միանում է Նեպինին, մինչդեռ Գրոսի հովիտն իր վերին մասում, ինչպես ես տեսել եմ, կազմում է մի հոյակապ հարթ ավազան՝ մի քանի մղոն լայնությամբ, և բոլոր կողմերով շրջապատված է գահավանդներով, որոնց գագաթները, կարծում են, որ ոչ մի տեղ, ծովի մակերևույթից հաշված, 3000 ոտնաչափից պակաս չէ։ Երբ խոշոր եղջերավոր անասուններին քշում են մի մասամբ բնական և մասամբ կալվածատիրոջ կողմից պատրաստված մի շավղով (որով ես իջա), նրանք այլևս Ուոլդանի հովիտը փախչել չեն կարող, որովհետև այս հովիտն իր բոլոր այլ մասերում շրջապատված է դիք գահավանդներով և ութ մղոն ներքև, սեղմվում է և միջին կես մղոն լայնությունից վերածվում սոսկ վիհի, անանցանելի և՛ մարդու, և՛ կենդանիների համար։ Սըր Տ. Միչելը նշում է, որ Կոքս գետի մեծ հովիտն, իր բոլոր ճյուղերով, այնտեղ, որտեղ նա միանում է Նեպինին, սեղմվելով վերածվում է 2200 յարդ լայնության կիրճի, մոտ 1000 ոտնաչափ խորությամբ։ Կարելի էր այստեղ ավելացնել նման այլ դեպքեր։

Այս հովիտների յուրաքանչյուր կողմում հորիզոնական շերտերի և ամֆիթատրոնական մեծ դեպրեսիաների համապատասխանությունը տեսնելիս առաջին տպավորությունն այն է, որ նրանք այլ հովիտների նման ջրի գործունեությունից փոսացել են, բայց երբ մեկը խորհրդածում է քարերի այն ահռելի քանակի մասին, որոնք այս տեսակետից պետք է տեղափոխված լինեն կիրճերի կամ վիհերի միջով, իրեն հարց է տալիս, արդյոք այս տարածությունները չե՞ն կարող նստած լինել։ Բայց նկատի ունենալով անկանոն կերպով ճյուղավորված հովիտների ձևը, ինչպես և պլատֆորմներից նրանց մեջ տարածված նեղ հրվանդանները, մենք ստիպված ենք հրաժարվել այս մտքից։ Այս փոսերը ներկայիս ալուվիալ (գետերի և ջրերի) գործունեությանը վերագրելն անբնական կլիներ, և ոչ էլ գագաթի մակարդակից դրենաժն է միշտ ընկնում այս հովիտների լայն մասերի մեջ, ինչպես ես նկատել եմ Ուետերբորդում, այլ նա ընկնում է նրանց ծոցանման առանձնարանների մի կողմի մեջ։ Բնակիչներից մի քանիսը նշում էին, որ նրանք երբեք չեն դիտել այդ ծոցանման մեկուսարանները, որոնց մեջ երկարաձգվող ցամաքները տեղի տային երկու կողմերի վրա էլ, առանց աչքի զարնելու իրենց դուրս ցցված ծովափի նմանությամբ։ Նյու Սաուդհ Ուելսի ներկայի ծովափը, բազմաթիվ, գեղեցիկ, լայն ճյուղավորվող նավահանգիստները, որոնք ընդհանրապես ծովի հետ են միացած նեղ բերանով, որոնք մաշված են ծովափի ավազոտ գահավանդներից և որոնք լայնությամբ տարբերվում են կես մղոնից մինչև քառորդ մղոն, ներկայացնում են, թեև մինիատյուրային ձևով, խորքերի մեծ հովիտների մի նմանությունը։ Բայց այս դեպքում անմիջապես առաջանում է մի ցնցող դժվարություն. ինչռ՞ւ ծովը մաշել է այս մեծ, բայց շրջափակ դեպրեսիաները ու վերածել լայն պլատֆորմի և թողել է միայն կիրճեր այն բացվածքներում, որոնցով պետք է հեռացված լինի մեծ քանակությամբ մանրած նյութ։ Միակ լույսը, որ ես կարող եմ սփռել այս առեղծվածի վրա, այն է, որ կարծեք թե բազմաթիվ անկանոն ձևերի թմբեր այժմ կազմվում են որոշ ծովերում, ինչպես, օրինակ, Վեստ Ինդիայի որոշ մասերում և Կարմիր ծովում, և որ նրանց կողերը վերին աստիճանի դիք են։ Հիմք կա ենթադրելու, որ նման թմբերը կազմվել են սեդիմենտից՝ ուժեղ հոսանքից անկանոն հատակի վրա կուտակված։ Որ մի քանի դեպքերում ծովը, սեդիմենտը միօրինակ շերտով տարածելու փոխարեն, կուտակում է ընդծովյա ժայռերի և կղզիների շուրթը, հազիվ թե կարելի լինի կասկածել այդ բանում, եթե մեկն ուսումնասիրի Վեստ Ինդիայի քարտեզը. և ես Հարավային Ամերիկայի շատ մասերում նկատել եմ, որ ալիքներն այնքան ուժ ունեն, որ կարող են կազմել բարձր և գահավեժ գահավանդներ մինչև անգամ ցամաքով պաշտպանված նավահանգիստներում։ Կիրառելով այս տեսակետները Նոր Հարավային Ուելսի ավազաքարային պլատֆորմների համար, ես կարծում եմ, որ շերտերը կուտակվել են ուժեղ հոսանքների գործունեության և բաց ծռվի ալեկոծության միջոցով՝ անկանոն հատակի վրա, և որ այսպես դատարկ մնացած հովտանման տարածությունները, մաշելով իրենց սեպանման թեք կողերը, առաջացրել են գահավանդներ, երբ ցամաքը դանդաղորեն բարձրացել է. մաշված ավազաքարը հեռացել է նահանջող ծովի առաջացրած նեղ անցքերից կամ հետագա ալուվիալ գործունեությունից։

Բլեքհետը թողնելուց անմիջապես հետո, Մաունտ Վիկտորիա լեռնանցքով իջանք ավազաքարի պլատֆորմից ներքև։ Որպեսզի կառուցվեր այդ անցքը, անհրաժեշտ էր եղել կտրել ահռելի քանակությամբ քարեր, և այդ կատարված էր այնպես հիանալի կերպով, որ արժանի էր Անգլիայի որևէ ճանապարհի հետ համեմատվելու։ Այժմ մենք մտանք մի երկիր, որը նախորդից մոտ հազար ոտնաչափ ցածր էր և կազմված էր գրանիտից։ Ապառի փոխվելու հետ լավանում էր բուսականությունը։ Ծառերն ավելի գեղեցիկ էին և գտնվում էին իրարից ավելի հեռու, իսկ նրանց միջև գտնված արոտը քիչ ավելի կանաչ էր և ավելի առատ։ Հասեն Ուոլսի մոտ ես դուրս եկա մեծ ճանապարհից և մի կարճ պտույտ կատարեցի Ուելեր-աուենդ կոչված մի ագարակում, որի վերակացուին այդ կալվածի տիրոջից ուղղված մի հանձնարարական նամակ ունեի՝ Սիդնեյում ստացած։ Մր. Բրոունը սիրալիր կերպով խնդրեց ինձ մնալ այնտեղ նաև հաջորդ օրը, որին համաձայնելս ինձ մեծ հաճույք պատճառեց։ Այս վայրը գաղութի մեծ ագարակների կամ, ավելի ճիշտ, ոչխարաբուծական հաստատությունների մի օրինակ է հանդիսանում։ Սակայն այս ագարակում ձիերը և խոշոր եղջերավոր անասուններն ավելի մեծ թիվ են կազմում, քան առհասարակ, որովհետև այստեղ հովիտներից մի քանիսը ճահճոտ են և առաջացնում են կոշտ արոտատեղեր։ Տան մոտ երկու-երեք կտոր հարթ գետինը մաքրել էին և հացահատիկ էին ցանել, որն այժմ հնձվորները հնձում էին. այնքան են ցորեն ցանում, որքան անհրաժեշտ է հիմնարկության մեջ աշխատող բանվորների պահանջն ամբողջ տարին բավարարելու համար։ Դատապարտյալ ծառայողների սովորական թիվը մոտ քառասուն էր, բայց այժմ նրանք ավելի են։ Թեև ագարակն ապահովված էր ամեն մի անհրաժեշտ բանով, բայց նկատվում էր կոմֆորտների բացակայությունը, և ոչ մի կին չէր ապրում այստեղ։ Մի գեղեցիկ օրվա մայրամուտը սովորաբար որևէ տեսարանի վրա սփռում է ուրախ և գոհունակ տրամադրություն, բայց այստեղ, այս մեկուսացած ագարակատնում շրջապատի ամենապայծառ նրբերանգները չէին կարող ինձ մոռացնել, որ քառասուն կոպտացած, ընկած մարզիկ դադարեցնում էին իրենց օրվա աշխատանքները, աֆրիկյան ստրուկների նման, միայն թե այստեղ առանց հատուցման սրբազան պահանջի։

Հաջորդ առավոտը վաղ, մր. Արչերը, վերակացուի օգնականը, բարի եղավ տանելու ինձ կենգուրու որսալու։ Օրվա մեծ մասը մենք շարունակեցինք Ճանապարհը ձիով, բայց մեր որսորդությունը շատ անհաջող անցավ, չտեսանք և ոչ մի կենգուրու կամ մինչև անգամ վայրի շուն։ Որսի շները մի կենդանու հալածեցին և մտցրին մի խոռոչավոր ծառի բնի մեջ, որտեղից մենք դուրս քաշեցինք նրան։ Այս վերջինս ճագարի մեծության մի կենդանի է, բայց ունի կենգուրուի կերպարանք։ Մի քանի տարի առաջ այս երկրում վխտում էին վայրի կենդանիներ, բայց այժմ էմուն հալածված է հեռուները, իսկ կենգուրուն շատ է սակավացել։ Այս երկու կենդանիների համար էլ անգլիական որսի շունը գլխավոր ոչնչացնողն է։ Դեռ երկար կարող է տևել մինչև այս կենդանիների ամբողջովին ոչնչանալը, բայց նրանց դատավճիռը տրված է։ Տեղացիները միշտ շատ են ցանկանում ագարակատներից շներ փոխ վերցնել։ Այս շների օգտագործումը, մորթվող անասունների փորոտիքը, և քիչ կովի կաթ՝ խաղաղ առաջարկներն են այն գաղթականների, որոնք հետզհետե թափանցում են դեպի երկրի խորքերը։ Անմիտ տեղացին, այս չնչին օգուտներից կուրացած, բերկրանքով է նայում սպիտակամորթի մոտենալուն, որը, թվում է թե, կանխորոշված ժառանգորդն է բնիկի երեխաների երկրի։

Թեև մեր որսն աղքատ էր, բայց մեզ մեծ բավականություն պատճառեց ձիով ման գալը։ Անտառն այնքան նոսր է, որ մարդ ձի հեծած՝ կարող է քառատրոփ քշել նրա միջով։ Այդ անտառը կտրում անցնում են մի քանի հարթ հատակով հովիտներ, որոնք ազատ են ծառերից և ծածկված կանաչով։ Այսպիսի վայրերում տեսարանը գեղեցիկ էր, նման պարկի տեսարանի։ Ամբողջ երկրում հազիվ թե ես տեսա մի տեղ, որն ազատ լիներ կրակի հետքերից. այս հետքերի ավելի կամ պակաս չափով նոր լինելը, ինչպես և կոճղերի սևության աստիճանը ամենամեծ փոփոխությունն էին, որոնք խախտում էին վայրի միօրինակությունը, որն այնքան հոգնեցուցիչ է ճանապարհորդի աչքին։ Այս անտառներում շատ թռչուններ չկան: Սակայն ես տեսա սպիտակ կակադուի երամներ՝ հացահատիկի արտում սնվելիս, ինչպես և մի քանի չափազանց գեղեցիկ թութակներ, տարածված են նաև մեր ճայակների նման ագռավներ և մի այլ թռչուն՝ որոշ կողմերով նման անծեղին։ Երեկոյան աղջամուղջին ես թափառում էի լճերի մի շղթայի շուրջը, որն այս երկրում ներկայացնում էր մի գետի ընթացքը, և բախտ ունեցա տեսնելու մի քանի հռչակավոր Ornithorhynchus paradoxus-ներ։ Նրանք սուզվում էին և խաղում ջրի մակերեսին, բայց իրենց մարմնի այնքան քիչ մասն էին ցույց տալիս, որ նրանց հեշտությամբ կարելի էր շփոթել ջրային առնետների հետ։ Մր. Բրոունն սպանեց սրանցից մեկին. իսկապես այս մի չափազանց արտակարգ թռչուն է. թանգարանային պատրաստած նմուշը բոլորովին չի կարող ճիշտ գաղափար տալ ողջ ժամանակի գլխի և կտուցի իրական տեսքի մասին, կտուցն ամրանում է և կծկվում։[193]

Հունվարի 20.— Մի ամբողջ երկար օր ձիերը քշելուց հետո եկանք Բաթուրստ։ Նախքան մեծ ճանապարհին միանալը մենք հետևում էինք մի սոսկ շավղի, որն անցնում էր անտառի միջով, իսկ շրջանը, բացառությամբ մի քանի միայնակ խրճիթների, չափազանց ամայի էր։ Այսօր մենք ենթարկվեցինք Ավստրալիայի խորշականման քամուն, որը փչում է երկրի խորքերի խանձված անապատներից։ Փոշու ամպերը ճանապարհորդում էին ամեն ուղղությամբ, իսկ քամին այնպես էր թվում մեզ, կարծեք թե կրակի վրայով անցած լիներ։ Հետագայում ես իմացա, որ ջերմաչափը դրսում ցույց է տվել 110°, իսկ սենյակում՝ 96°։ Կեսօրից հետո մեր առջև բացվեցին Բաթուրստի դաշտերը։ Այս ալիքավոր, բայց գրեթե հարթ հարթավայրերն այս երկրում շատ նշանակալից են՝ լինելով բացարձակապես զուրկ ծառերից։ Նրանք ներկայացնում են միայն նոսր թուխ արոտ։ Այս վայրից մի քանի մղոն անցնելուց հետո հասանք Բաթուբստ քաղաքի տերիտորիան, որը զետեղված է, եթե կարելի է այսպես անվանել, մի շատ լայն հովտի կամ նեղ հարթավայրի կենտրոնում։ Սիդնեյում ինձ ասել էին, որ չի կարելի շատ վատ գաղափար կազմել Ավստրալիայի մասին՝ ճանապարհի կողքերին ընկած տարածություններից ելնելով, և ոչ էլ շատ լավ՝ Բաթուրստը նկատի ունենալով։ Վերջին դեպքում ես բոլորովին ազատ էի զգում ինձ նախապաշարման ենթարկվելուց։ Պետք է ասել, որ այդ ժամանակ եղանակը խիստ չորային էր և շրջանը բարեհաճ տեսք չուներ, թեև ես գիտեմ, որ երկու-երեք ամիս առաջ անհամեմատ ավելի վատ է եղել։ Բաթուրստի արագ բարգավաճման գաղտնիքն այն է, որ այն կանաչ արոտը, որն օտարականի աչքին այնքան ողորմելի է երևում, շատ հիանալի է ոչխար արածացնելու համար։ Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 3300 ոտնաչափ բարձրության վրա, Մաքուարիի ափերին։ Այս այն գետերից մեկն է, որոնք հոսում են երկրի ընդարձակ և գրեթե անհայտ խորքերը։ Ջրբաժանի գիծը, որը ներցամաքային գետակները բաժանում է ափի ջրերից, ունի մոտ 3000 ոտնաչափ բարձրություն և անցնում է հյուսիս-հարավ ուղղությամբ, ծովից ութսունից-հարյուր մղոն հեռու։ Մաքուարին քարտեզի մեջ երևում է ինչպես մի մեծարելի գետ, և նա ամենամեծն է այն գետերից, որոնք հոսում են այս ջրբաժանից, բայց ի զարմանս՝ ես այն գտա որպես մի շղթա լճերի, որոնք իրարից բաժանված են գրեթե չոր տարածություններով։ Սովորաբար հոսում է մի փոքրիկ գետակ, իսկ երբեմն լինում են ջրառատ և սոսկալի հեղեղներ։ Թեև ջրի պաշարն այս շրջանում ամենուրեք սակավ է, բայց հեռու ներցամաքային շրջաններում ավելի սակավ է։

Հունվարի 22.— Սկսեցի իմ վերադարձը, և հետևեցի մի նոր ճանապարհի, որը կոչվում է Լոկիերի գիծ, որի երկայնքով ընկած երկիրն ավելի բլրոտ է և գեղանկար։ Այդ մի երկար օրվա ճանապարհ էր, և այն տունը, սրտեղ ես ուզում էի գիշերել, ճանապարհից հեռու էր ընկած և հեշտությամբ չգտնվեց։ Այս դեպքում, ինչպես և հիրավի բոլոր այլ դեպքերում, ես հանդիպեցի ցածր դասերում մի շատ ընդհանուր և պատրաստակամ քաղաքավարության, որը հազիվ թե սպասելի է, երբ մեկը նկատի է առնում, թե ինչ են նրանք կամ ինչ են եղել։ Այն ագարակը, որտեղ ես անցկացրի գիշերը, պատկանում էր երկու երիտասարդ մարդու, որոնք միայն վերջերս էին ժամանել այստեղ և սկսել էին իրենց գաղթականի հաստատված կյանքը։ Գրեթե ամեն մի հարմարության կատարյալ բացակայությունն այնքան էլ հրապուրիչ չէր, բայց ապագան և որոշակի բարգավաճումը նրանց աչքի առջևն էր, և այդ ապագան հեռու չէր։

Հաջորդ օրն անցանք բոցերով բռնված մի տարածության միջով, ծխի քուլաներն անցնում էին ճանապարհի վրայով։ Նախքան կեսօրը մենք միացանք մեր հին ճանապարհին և բարձրացանք Վիկտորիա լեռը։ Ես քնեցի Ուետերբորդում և նախքան մթնելը մի զբոսանք ևս կատարեցի դեպի ամֆիթատրոնային հովիտը։ Սիդնեյի ճանապարհին՝ Դունհիվեդում ևս մի շատ հաճելի երեկո անցկացրի կապիտան Կինգի հետ և այսպիսով վերջացրի Նոր Հարավային Ուելսի գաղութում կատարած իմ փոքրիկ էքսկուրսիան։

Նախքան այստեղ ժամանելն ինձ ամենից շատ հետաքրքրում էր հետևյալ երեք բանը — բարձր դասերի հասարակության կացությունը, դատապարտյալների վիճակը և հրապուրանքի այն աստիճանը, որը բավական է դրդելու մարդկանց՝ այնտեղ գաղթելու։ Իհարկե, այդքան կարճատև այցելությունից հետո հազիվ թե մեկի կարծիքը որևէ արժեք ունենա, բայց նույնքան դժվար է որևէ կարծիք չկազմելը, որքան ճիշտ դատելը։ Ընդհանուր առմամբ հասարակության կացության խնդտում ավելի շատ լսածից, քան տեսածից դատելով, ես հուսախաբված էի։ Ամբողջ համայնքը յուրաքանչյուր խնդրում չարակամորեն բաժանված է պարտիաների։ Մի մասի մեջ, որոնք կյանքում իրենց դիրքի պատճառով պետք է ամենալավը լինեին, այնպիսի անիրավ, լպիրշ կյանք վարողներ կան, որոնց հետ մեծարելի մարդիկ ապրել չեն կարող։ Հարուստ էմանսիպիստների (ազատ արձակված ոճրագործ) և ազատ գաղթողների երեխաների միջև նախանձը մեծ է. աոաջիններն այդ ազնիվ մարդկանց համարում էին կոնկուրենտներ։ Ամբողջ բնակչությանը, հարուստ թե աղքատ, համակված են հարստություն ձեռք բհրելու ցանկությամբ. բարձր դասերում խոսակցության մշտական նյութը կազմում է բուրդը կամ ոչխար արածեցնելը։ Կան բազմաթիվ լուրջ արգելքներ ընտանիքի հանգստության համար, որոնցից գլխավորը գուցե դատապարտյալ ծառաներով շրջապատվելն է։ Ի՜նչպես ամբողջովին զզվելի է ամեն մի զգացողության համար, երբ քեզ սպասավորող մարդը մի օր առաջ գուցե ծեծվել է մի չնչին վատ ընթացքի համար։ Կին ծառաներն, իհարկե, ավելի վատ են. այդ պատճառով էլ երեխաները սովորում են ամենակեղտոտ արտահայտություններ, և բախտավորություն է, եթե չսովորեն նույնչափ ստոր գաղափարներ։

Մյուս կողմից՝ մեկի կապիտալը, առանց որևէ նեղության, եռակի անգամ ավելի շատ շահ է բերում, քան Անգլիայում, և հոգատար մարդն այստեղ անպայման կհարստանա։ Կյանքի պերճանքներն առատ են այստեղ և շատ քիչ են թանգ, քան Անգլիայում, իսկ սննդամթերքների մեծ մասն ավելի էժան է։ Կլիման սքանչելի է և կատարյալ առողջարար, բայց ինձ համար այդ հմայքը կորչում է շրջանի անհյուրընկալ տեսքից։ Գաղթողների համար չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ նրանց որդիները շատ փոքր հասակից կարող են օգնել ծնողներին։ Տասնվեցից քսան տարեկան տղաները հաճախ կառավարում են հեռավոր երկրագործական ֆերմաներ։ Սակայն այս պետք է տեղի ունենա իրենց որդիներին ամբողջովին դատապարտյալների հետ միացնելու. զոհողությամբ։ Ես չգիտեմ, թե հասարակության տոնը յուրահատուկ խարակտեր ստացել է, թե ոչ, բայց նման սովորություններով և առանց մտավոր զբաղմունքի հազիվ թե նա զերծ մնա ապականվելուց։ Ես այնպես եմ մտածում, որ ոչ մի բան, բացի սուր կարիքից, չի կարող ստիպել ինձ գաղթելու։

Այս գաղութի արագ բարգավաճումը և ապագա հեռանկարներն ինձ նման գործին անտեղյակ մարդու համար հանելուկային է թվում։ Արտահանման երկու գլխավոր օբեկտները բուրդն ու կետի յուղն են, և այս երկու արտադրանքների համար էլ կա սահման։ Երկիրն ամբողջովին անհարմար է կանալների համար, ուստի կա մի ոչ շատ հեռավոր կետ, որից այն կողմ ցամաքով բուրդ փոխադրելը չի ծածկի ոչխարները պահելու և խուզելու ծախսերը։ Արոտն ամենուրեք այնքան նոսր է, որ գաղթողներն արդեն ստիպված թափանցում են երկրի խորքերը, միևնույն ժամանակ պետք է ասել, որ դեպի խորքերը գնալով՝ երկիրը ծայր աստիճան աղքատանում է։ Երկրագործությունը երաշտների պատճառով երբեք չի կարող մեծ ծավալ ստանալ. ուստի այնքան, որքան ես կարող եմ տեսնել, Ավստրալիան վերջիվերջո կդառնա հարավային կիսագնդի առևտրական կենտրոնը և գուցե ունենա իր ապագա գործարանները։ Ունենալով քարածուխ՝ նա միշտ կունենա շարժիչ ուժ։ Նկատի ունենալով երկրի բնակելի մասի ծովափնյա լինելը և այն, որ բնակիչներն անգլիական ծագում ունեն, վստահորեն նա կդառնա ծովային ազգ։ Առաջ ես այնպես էի կարծում, որ Ավստրալիան կդառնա նույնքան սքանչելի և ուժեղ երկիր, որքան Հյուսիսային Ամերիկան, բայց այժմ ինձ այնպես է թվում, որ այդպիսի ապագա մեծությունն ավելի քան կասկածելի է։

Ինչ վերաբերում է դատապարտյալների վիճակին, այդ մասին ես ավելի քիչ պատեհություն ունեցա դատելու, քան այլ կետերի մասին։ Առաջին հարցն այն է, թե սրանց վիճակը կարելի՞ է համարել մի պատիժ. ոչ ոք չի ընդունի, որ այդ խիստ պատիժ է։ Սակայն ես ենթադրում եմ, որ այն չափով, ինչ չափով որ հայրենիքում շարունակվում է այս աքսորը, որպես ոճրագործներին վախեցնելու միջոց՝ քիչ հետևանքներ կունենա։ Դատապարտյալների նյութական կարիքները բավարարում են բավականին լավ, նրանց ապագա ազատության և կոմֆորտների հեռանկարը հեռու չէ, և լավ վարքի դեպքում այդ որոշակի է։ Լավ վարքի դեպքում մի «թույլատվության տոմս» որը այնքան ժամանակ, որքան մեկը կասկածներից, ինչպես և նոր ոճիրներից հեռու է պահում իրեն, կարող է ազատության տալ նրան որոշ տարածության վրա, տրվում է նրան մի քանի տարի հետո, նայած դատավճռի տևողության։ Սակայն այս բոլորով հանդերձ, նայելով նախնական բանտարկությանը և ողորմելի ազատությանը, կարծում եմ, որ նշանակված տարիներն անցնում են դժգոհ և ապերջանիկ։ Ինչպես ինձ ասում էր մի խելացի մարդ, այս դատապարտյալները, բացի մարմնական հաճույքից, ուրիշ հաճույք չունեն, և այս բանամ էլ նրանք գոհունակ չեն։ Այն մեծ փրկանքը, որին տիրանում է կառավարությունն ազատ ներումներ առաջարկելով, ինչպես և մեկուսացման պատժի սարսափները խորտակում են դատապարտյալների վստահությունն իրար նկատմամբ և այսպիսով կանխում ոճրագործությունը։ Ինչ վերաբերում է ամոթի զգացողության, չի երևում, թե այսպիսի բան գոյություն ունի, և ես ականատես եղա մի քանի խիստ եզակի ապացույցների։ Որքան էլ տարօրինակ լինի, ինձ ամենուրեք ասում էին, որ դատապարտյալ բնակչության նկարագիրը վատթար երկչոտությունն է. հաճախ մի քանիսը հուսահատվում են և կյանքի նկատմամբ դառնում կատարյալ անտարբեր, մինչ սառնության կամ հարատև քաջալերանքի միտքը հազվադեպ է գործադրություն գտնում։ Խնդրի ամենախոցոտ կողմն այն է, որ թեև գոյություն ունի, այսպես ասած, օրինական ռեֆորմ և համեմատաբար քիչ բան է կատարվում օրենքին հակառակ, բայց թվում է թե անկասկած պետք է տեղի ունենար որևէ բարոյական ռեֆորմ։ Ինձ վստահացնում էին լավատեղյակ մարդիկ, որ եթե մեկն ուզենար ուղղել իրեն, չէր կարող անել այդ այնքան ժամանակ, քանի դեռ նա ապրում էր մյուս ծառաների հետ։ Նրա կյանքը կդառնար մի անտանելի թշվառություն և հալածանք։ Չպետք է մոռանալ և թիապարտանավերի և բանտերի ապականությունը և՛ այստեղ, և՛ Անգլիայում։ Ընդհանուր առմամբ այս վայրը որպես պատժավայր հազիվ թե նպատակին ծառայած լինի. որպես ռեֆորմի իրական սիստեմ հաջողություն չի ունեցել, ինչպես գուցե չէր ունենա և ոչ մի այլ պլան։ Բայց որպես միջոց մարդկանց արտաքնապես ազնիվ դարձնելու, թափառաշրջիկներին, որոնք այնքան անպետք են մի կիսագնդում, մի այլ կիսագնդում ակտիվ քաղաքացիներ պատրաստելու և այսպիսով ծնունդ տալու մի նոր և փառավոր երկրի — քաղաքակրթության մի մեծ կենտրոնի — այդ հաջողվել է և այն էլ այն աստիճանի, որ թերևս նմանը չի եղել պատմության մեջ։

Հունվարի 30.— «Բիգլ»-ը նավարկեց դեպի Հոբարտ քաղաքը Վանդիմենի երկրում։ Փետրվարի 5-ին, վեց օրվա ճանապարհորդությունից հետո, որի սկզբի մասում եղանակը շատ լավ էր, իսկ վերջում՝ չափազանց ցուրտ և մրրկոտ, մտանք Փոթորկի ծոցի բերանը. եղանակն արդարացնում էր այս ահռելի անունը։ Այս ծոցն ավելի ճիշտ կլիներ անվանել էստուար (գետաբերան), որովհետև իր ծայրում նրա մեջ են թափվում Դերուենտի ջրերը։ Բերանի մոտ կան բազալտի լայնատարած պլատֆորմներ, բայց ավելի վերև, երկիրը դառնում է լեռնային և ծածկված է նոսր անտառով։ Երկրի ներքևի մասերը, որոնք եզերում են ծոցը, մաքրված են, և հացահատիկի բաց-դեղնավուն ու կարտոֆիլի մութ-կանաչ դաշտերը շատ փարթամ են երևում։ Ուշ երեկոյան խարիսխ գցեցինք այն սեղմ ու տաք խորշում, որի ափերին գտնվում է Տասմանիայի մայրաքաղաքը։ Վայրի տեսքն առաջին հայացքից շատ ետ էր մնում Սիդնեյի տեսքից. վերջինս կարելի էր անվանել քաղաք, իսկ այս՝ միայն ավան։ Նա շինված է Ուելինգտոնի լեռան ստորոտին, մի լեռ, որի բարձրությունը 3100 ոտնաչափ է, բայց տեսարանի քիչ գեղեցկություն ունի. սակայն այս լեռից քաղաքն ստանում է առատ ջուր։ Ծոցի շուրջը կան մի քանի լավ պահեստներ, իսկ մի կողմում՝ մի փոքր բերդ։ Եկած լինելով սպանական սետլմենտներից, որտեղ սովորաբար այնպիսի մեծ հոգատարություն է ցուցաբերվել ամրություններ կառուցելու գործին, այս գաղութների պաշտպանության միջոցները չափազանց արհամարհելի են թվում։ Համեմատելով այս ավանը Սիդնեյի հետ՝ աչքի էր զարնում կառուցված կամ կառուցվող մեծ տների սակավությունը։ Հոբարտ Թաունը 1835 թվի վիճակագրության ժամանակ ուներ 13826 բնակիչ, իսկ ամբողջ Տասմանիան՝ 36505։

Բսլոր բնիկները քշված են մի կղզի, Բասի նեղուցում, այնպես որ Վանդիմենի երկիրը վայելում է տեղական բնակչությունից ազատ լինելու մեծ առավելությունը։ Այս ամենադաժան միջոցառումը թվում է թե անխուսափելի էր, որպես միակ մջոցը վերջ տալու այն հերթական երկյուղալի կողոպուտներին, հրդեհներին և մարդասպանություններին, որ կատարում էին սևամորթները, և վաղ թե ուշ դրանք վերջանալու էին նրանց ամբողջական ոչնչացումով։ Վախենում եմ, որ չարագործությունների այս շարքը և նրա հետևանքներն սկիզբ առած լինեն մեր հայրենակիցներից մի քանիսի վատահամբավ վարքից։ Երեսուն տարին կարճ ժամանակամիջոց է, որի ընթացքում վտարվեն վերջին բնիկներն իրենց մայրենի կղզուց, իսկ կղզին գրեթե այնքան մեծ է, որքան Իռլանդիան։ Չափազանց հետաքրքրական է այն թղթակցությունը, որ տեղի ունեցավ այս խնդրի շուրջը Վանդիմենի երկրի և մայր երկրի կառավարության միջև։ Թեև զանազան ընդհարումների ժամանակ, որոնք տեղի էին ունենում ընդմիջումներով մի քանի տարի շարունակ, միշտ սպանվում էին բազմաթիվ տեղացիներ և գերի բռնվում, բայց ոչ մի բան լրիվ չափով չէր զգալ տալիս նրանց մեր ջախջախիչ ուժի գոյության մասին, մինչև որ 1830 թվին ամբողջ կղզում հայտարարվում է պատերազմական դրություն և հայտարարվում է ամբողջ բնակչությանը՝ օգնել մի մեծ փորձ կատարելու համար, այն է՝ ոչնչացնել ամբողջ ցեղը։ Ընդունված ծրագիրը գրեթե նման էր Հնդկաստանի որսորդական մեծ հետապնդումներին, կազմվում է մի գիծ կղզու միջով, նպատակ ունենալով, որ տեղացիներին քշեն Տասմանիայի թերակղզու վրա մի cul-de-sac-ի (ծուղակ) մեջ։ Փորձը հաջողություն չի ունենում, տեղացիները, կապելով իրենց շների դնչերը, աննկատ փախչում են օղակող գծից։ Այս զարմանալի չէ, եթե նկատի ունենանք նրանց վարժ զգացողությունները և վայրի կենդանիների հետևից սողալու եղանակը։ Ինձ վստահացնում էին, որ նրանք գրեթե մերկ կարող են թաքնվել գետնի վրա այնպիսի մի եղանակով, որ հազիվ թե մեկը հավատա, եթե իր աչքերովը չտեսնի։ Նրանց սևորակ մարմինները հեշտությամբ կարելի է շփոթել սևացած կոճղերի հետ, որոնք ցրված են այդ երկրում ամենուրեք։ Ինձ պատմում էին մի փորձի մասին, որ տեղի էր ունեցել մի խումբ անգլիացիների և մի բնիկի միջև, վերջինս կանգնելու էր մի մերկ բլրի կողքին՝ ամբողջովին նրանց տեսողության առջև։ Եթե անգլիացիները փակեին իրենց աչքերը մեկ րոպեից էլ պակաս տևողությամբ, նա կուչ էր գալու գետնին, որից հետո նրանք երբեք չպիտի կարողանային նրան տարբերել շրջապատի կոճղերից։ Վերադառնանք որսորդական հետապնդմանը, տեղացիները հասկանալով այս տեսակի կռիվը՝ սոսկալի ահաբեկվում են, որովհետև նրանք անմիջապես նկատում են սպիտակների թվի և ուժի մեծությունը։ Կարճ ժամանակից հետո տասներեք հոգուց բաղկացած մի խումբ, որը պատկանում էր երկու ցեղերի, գալիս են և, զգալով իրենց անպաշտպան վիճակը, հուսահատված հանձնվում են անգլիացիներին։ Այնուհետև մր. Ռոբինզոնի, մի գործունյա և բարեսեր մարդու ջանքերի շնորհիվ, այն մարդու, որն անձամբ անվախ այցելում էր ամենաթշնամական ցեղերի մոտ, բոլորը համոզվում և վարվում են միևնույն ձևով։ Այնուհետև նրանց տեղափոխում են մի կղզի, որտեղ նրանց տալիս են հագուստ և սնունդ։ Գրաֆ Ստժելեցկին ասում է,[194] որ «տեղացիների տեղահանման ժամանակ (1835 թվին) նրանց թիվը հասնում էր երկու հարյուր տասի։ 1842 թվին, այն է՝ յոթ տարվա ընդմիջումից հետո, նրանցից մնացել էր միայն հիսուն չորս մարդ, մինչդեռ Նոր Հարավային Ուելսի խորքերի ցեղերը, որոնք դեռ չեն ապականվել սպիտակների հետ շփվելով, ունենում են շատ երեխաներ. Ֆլինդերի կղզու բնակիչներն ութ տարվա ընթացքում աճել են միայն տասնչորս մարդով»։

«Բիգլ»-ն այստեղ մնաց տասն օր, և այս ժամանակամիջոցում ես կատարեցի մի քանի հաճելի կարճ էքսկուրսիաներ, գլխավորապես նպատակ ունենալով անմիջական շրջապատի երկրաբանական կառուցվածքն ուսումնասիրելու։ Հետաքրքրության գլխավոր կետերը կազմում են առաջին, չափազանց բրածոյաբեր մի քանի շերտեր, որոնք պատկանում են դեվոնյան կամ քարածխային պերիոդին. երկրորդ, ապացույցներ վերջին ժամանակների ցամաքի փոքր բարձրացման, և վերջապես դեղնավուն կրաքարի կամ տրավերտինի մի առանձնացած և մակերեսային տարածություն, որը պարունակում է ծառերի տերևների բազմաթիվ դրոշմներ, ինչպես և ցամաքային խեցիներ, որ այժմ գոյություն չունեն։ Անհավանական չէ, որ այս կրաքարի մի փոքրիկ տարածությունը պարունակի Վանդիմենի երկրի անցյալ մի էպոխայի բուսականության միակ մնացած արձանագրությունը։

Այստեղ կլիման ավելի խոնավ է, քան Նոր Հարավային Ուելսում, և այդ պատճառով երկիրն ավելի արգավանդ է։ Երկրագործությունը ծաղկում է, մշակված դաշտերը լավ տեսք ունեն, իսկ պարտեզները հորդում են բարգավաճ բուսականությամբ և պտղի ծառերով։ Ագարակներից մի քանիսը, մեկուսացած կետերում զետեղված, շատ հրապուրիչ տեսք ունեին։ Բուսականության ընդհանուր տեսքը նման է Ավստրալիայինին, գուցե քիչ ավելի կանաչ է և զվարթ, իսկ ծառերի միջև գտնվող արոտն ավելի առատ։ Մի օր ես մի երկար զբոսանք կատարեցի ծովածոցի քաղաքի դիմացը գտնվող ափին. ծոցն անցա մի շոգենավակով, որից երկուսն անցնում են մի կողմից մյուսը։ Այu նավակներից մեկի մեքենայական սարքն ամբողջովին պատրաստվել է այս գաղութում, որի հիմնադրումից մինչև այդ օրն անցել էր միայն երեսուներեք տարի։ Մի այլ օր բարձրացա Ուելինգտոնի լեռը, ինձ հետ վերցրի մի ուղեկցող, որովհետև առաջին փորձի ժամանակ ես անհաջողության հանդիպեցի, անտառի խտության պատճառով։ Սակայն մեր ուղեկցողն ապուշ մարդ էր և ուղեկցեց մեզ լեռան հարավային և խոնավ կողմով, որտեղ բուսականությունը չափազանց փարթամ էր և որտեղից բարձրանալը, մեծ քանակությամբ փտած բների առկայության հետևանքով, նույնքան դժվար էր, որքան Հրո Երկրի կամ Չիլոեի մի սար նվաճելը։ Սարի գագաթը հասանք հինգ և կես ժամ դժվարությամբ մագլցելուց հետո միայն։ Շատ մասերում Eucalypti-ն աճում էր բավականին մեծ ծավալով և կազմում էր մի հոյակապ անտառ։ Ամենախոնավ հեղեղատներից մի քանիսում ծառապտերներն աճում էին մի արտաքո կարգի ձևով, ես տեսա սրանցից մեկին, որը մինչև ճղատերևի հիմքը առնվազն քսան ոտնաչափ բարձրություն կունենար, իսկ շրջագիծը՝ ճիշտ վեց ոտնաչափ։ Ճղատերևները, կազմելով մի ամենագեղակաղմ հովանոց, առաջացրել էին մութ ստվեր, նման գիշերվա առաջին ժամի մթությանը։ Լեռան կատարը լայն է ու հարթ և կազմված է մերկ գրինշտեյնի (կանաչ քար) անկյունավոր ահռելի զանգվածից։ Նրա բարձրությունը ծովի մակարդակից 3100 ոտնաչափ է։ Օրը հիանալի պարզ էր, և մենք վայելչանքով դիտում էինք մի վերին աստիճանի լայնատարած տեսարան. դեպի հյուսիս երկիրը երևում էր որպես անտառածածկ լեռների մի մասսա, մոտավորապես այն բարձրությամբ, ինչ բարձրության վրա որ մենք կանգնած էինք, և հավասարապես մեղմ ուրվագծով. դեպի հարավ խորտուբորտ երկիրը և ջուրը, կազմելով բազմաթիվ խառնաշփոթ ծոցեր, հստակ գծերով քարտեզվել էր մեր առջև։ Մի քանի ժամ գագաթին մնալուց հետո իջնելու մի ավելի լավ ճանապարհ գտանք, բայց «Բիգլ»-ին հասանք ժամը ութից՝ մի օրվա դաժան աշխատանքից հետո։

Փետրվարի 7.— «Բիգլ»-ը նավարկեց Տասմանիայից և հաջորդ ամսի 6-ին հասավ Կինգ Ջորջի ծոցիկը, որը զետեղված է Ավստրալիայի հարավ-արևմտյան անկյան մոտ։ Այստեղ մնացինք ութ օր, և մեր ամբողջ ճանապարհորդության ընթացքում ավելի տաղտկալի և անհետաքրքրական ժամանակ չենք անցկացրել։ Շրջանը, մի բարձունքից դիտելիս, երևում է որպես անտառստ հարթավայր՝ այս ու այն կողմ կլոր և մասամբ մերկ գրանիտի բլուրներ ցցված։ Մի օր ես դուրս եկա մի խմբի հետ՝ հույս ունենալով կենգուրուի որսը տեսնելու. և այդ շրջանով քայլեց ի մի քանի մղոն։ Ամենուրեք մենք գտանք գետինն ավազային և շատ աղքատ. նրա վրա կային կամ նոսր, կարճ թփուտներ կամ թելավոր կոշտ կանաչ խոտ կամ գաճաճ ծառերի մի անտառ։ Տեսարանը նմանվում էր կապույտ լեռների ավազաքարային բարձր պլատֆորմի տեսարանի, սակայն այստեղ Casuarina-ն (մի ծառ, որը որոշ կողմերով նման է շոտլանդական եղևնուն) ավելի առատ է, իսկ Eucalyptus-ն՝ ավելի սակավ։ Բաց մասերում կային շատ խոտածառեր — մի բույս, որն իր տեսքով որոշ խնամակցություն ունի արմավենու հետ, բայց հոյակապ ճղատերևի պսակ ունենալու փոխարեն նա կարող է պարծենալ միայն չափազանց կոշտ խոտի նման փնջաձև տերևներով։ Թփուտների և այլ բույսերի ընդհանուր պայծառ կանաչ գույնը, երբ դիտում են հեռվից, թվում է թե բերրիություն է խոստանում։ Սակայն մի պտույտն էլ բավական է այդպիսի մի պատրանք ցրելու համար, և նա, ով մտածում է, ինձ հետ երբեք չի ցանկանա նորից քայլել այսքան մի անhյուրընկալ երկրով։ Մի օր կապիտան Ֆից Ռոյի ընկերակցությամբ գնացինք Բոլդ Հեդ («ճաղատ գլուխ»), մի վայր, որը հիշատակել են բազմաթիվ ծովագնացներ, և որտեղ, մի քանիսը ենթադրում են, որ տեսել են կորալներ, և մի քանիսն էլ, թև տեսել են քարացած ծառեր, կանգնած այնպիսի դիրքում, ինչ դիրքով որ աճել են։ Ըստ մեր տեսակետի՝ շերտերը կազմվել են քամու կիտած մանր ավազից, որը կազմվել է խեցիների և կորալների մանր, կլորացած մասնիկներից, մի պրոցես, որի ընթացքում ծառերի ճյուղերը և արմատները ցամաքային շատ խեցիների հետ ներփակվել են։ Այնուհետև այս ամբողջը պնդացել է կավճային նյութի ներթափանցումից, և կոնաձև խոռոչները, որոնք առաջացել են փայտի քայքայումից, նույնպես լցվել են կարծր պսևդոստալակտիտային քարով։ Այժմ հողմը մաշում տանում է փափուկ մասերը, հետևաբար և ծառերի արմատների և ճյուղերի կարծր կաղապարները ցցված են մակերեսից վեր և մի եզակի խաբեական եղանակով նմանվում են մեռած մացառի մնացորդների։

Տեղացիների մի ցեղ, որ կոչվում է Սպիտակ Կակադուներ, պտտահաբար այցելեցին սետլմենտը, երբ մենք դեռ այնտեղ էինք։ Այս մարդիկ, ինչպես և Կինդ Ջորշի ծոցիկին պատկանող մարդիկ, գայթակղվելով մի քանի տաշտ բրնձի և շաքարի խոստումից, համոզվում են, որ «կորոբերի» կամ պարերեկույթ ներկայացնեն։ Հենց որ մթնեց, վառեցին փոքր կրակներ, և տղամարդիկ սկսեցին իրենց արդուզարդով զբաղվելը, որը հանդիսանում էր կետերով և գծերով սպիտակ գույնով ներկվելը։ Հենց որ ամեն ինչ պատրաստ էր, պատրաստեցին բոցավառ մեծ խարույկներ, որոնց շուրջը որպես հանդիսականներ հավաքվել էին կանայք և երեխաներ։ Կակադուները և Կինգ Ջորջի մարդիկ երկու առանձին խումբ կազմեցին և սովորաբար պարում էին ի պատասխան մեկը մյուսի։ Պարը կայանում էր նրանում, որ վազում էին մի կողմի վրա, կամ հնդկական գիծ կազմած՝ մի բաց տարածության վրա, և միասին քայլելիս մեծ ուժով դոփում էին գետնին։ Նրանց մանր քայլերին ուղեկցում էին տնքոցը, լախտերը և նիզակներն իրար զարկելը և այլ զանազան ժեստիկուլացիաներ, ինչպես, օրինակ, թևերի պարզումը և մարմինների գալարումը։ Այդ մի վերին աստիճանի բիրտ, բարբարոսական տեսարան էր և, մեր կարծիքով, առանց որևէ իմաստի, բայց մենք նկատում էինք, որ սև կանայք և երեխաները դիտում էին մեծագույն հաճույքով։ Թերևս այս պարերն իրենց ծագումով ներկայացնում էին գործողություններ, ինչպես, օրինակ, պատերազմներ և հաղթություններ։ Այդ խաղերից մեկը կոչվում էր էմուի պար, որը պարելիս յուրաքանչյուր մարդ տարածում էր իր թևը ծռված ձևով, թռչունի վզի նման։ Մի ուրիշ պարում մեկն օրինակում էր կենգուրուի շարժումներն անտառում արածելիս, մինչ մի այլ մարդ սողոսկում էր վեր և այնպես էր ներկայացնում, որ իբր թե նիզակահարում է նրան։ Երբ երկու ցեղերն էլ միացան պարում, գետինը դողում էր նրանց քայլերի ծանրությունից, իսկ օդն արձագանքում էր նրանց վայրի աղաղակներին։ Ամեն ոք երևում էր բարձր տրամադրությամբ, և գրեթե մերկ կերպարանքներով մարդկային խմբերը, որ երևում էին բոցավառ կրակի լույսի տակ, բոլորը շարժվելով մի ահռելի ներդաշնակությամբ, կազմում ամենացածր աստիճանի բարբարոսների առնական ցուցադրություն։ Հրո Երկրում մենք ականատես ենք եղել վայրենիների կյանքի շատ հետաքրքրական տեսարանների, բայց կարծում եմ, որ երբեք ոչ մի տեղ բնիկներն այդպես բարձր ոգևորությամբ չեն եղել և ոչ էլ այդքան կատարյալ իրենց վայելչության մեջ։ Պարը վերջանալուց հետո ամբողջ խումբը գետնին կազմեց մի մեծ շրջան և, ի բերկրություն բոլորի, նրանց բաժանվեց խաշած բրինձ և շաքար։

Մի քանի ժամանակ ամպամած եղանակի պատճառով տաղտկալի հապաղումից հետս մարտի 14-ին ուրախությամբ դուրս եկանք Կինգ Ջորջի ծոցիկից և ուղևորվեցինք դեպի Կիլինգ կղզին։ Հրաժե՜շտ, Ավստրալիա։ Դու մի բարձրացող երեխա ես և անկասկած մի օր կիշխես հարավում որպես մի մեծ իշխանուհի, բայց դու չափից ավելի մեծ և փառասեր ես խանդաղատանքի համար, բայց ոչ այնքան մեծ, որպեսզի մեծարելի լինես։ Թողնում եմ ափերդ առանց տխրության կամ ափսոսանքի։


ՔՍԱՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԿԻԼԻՆԳ ԿՂԶԻՆ։ ԿՈՐԱԼԱՅԻՆ ՖՈՐՄԱՑԻԱՆԵՐ

Կիլինգ կղզին.— Յուրահատուկ պեյզաժ.— Աղքատ բուսականություն.— Սերմերի փոխադրումը.— Թռչուններ և միջատներ.— Մակընթացության և տեղատվության ազդեցությունն աղբյուրների վրա.— Մեռած կորալներից առաջացած դաշտեր.— Քարեր՝ ծառերի արմատներով տեղափոխված.— Մեծ խեչափառ.— Խայթող կորալներ.— Կորալներով սնվող ձկներ.— Կորալային ֆորմացիա.— Լագունային կղզիներ կամ ատոլներ.— Այն խորությունը, որի վրա ռիֆ կազմող կորալները կարող են ապրել.— Ընդարձակ տարածություններ՝ միջցրված կորալային կղզիներով.— Կղզիների հիմքերի նստելը.— Բարիեր ռիֆեր.— Առափնյա ռիֆեր.— Առափնյա ռիֆերի փոխարկումը բարիեր ռիֆերի և ատոլների.— Մակարդակի փոփոխության ապացույցներ.— Անցքեր բարիերային ռիֆերում.— ֊Մալդիվիայի ատոլները, նրանց յուրահատուկ կառուցվածքը.— Մեռած և ջրում սուզված ռիֆեր.— Նստելու և բարձրանալու տարածությունը.— Հրաբուխների բաշխումը.— Դանդաղ, բայց ընդարձակ չափով նստելը։

Ապրիլի 1.— Հորիզոնի վրա երևացին Կիլինգ կամ Կոկոսյան կղզիները՝ Հնդկական օվկիանոսում զետեղված և մոտ վեց հարյուր մղոն Սումատրայի ափից հեռու։ Այս խումբը կորալային ֆորմացիայի լագունային կղզիներից (կամ ատոլներ) մեկն է, նման Ցածրադիր արշիպելագի կղզիներին, որոնց մոտից մենք անցանք։ Երբ նավը կանալի մուտքումս էր, մր. Լիսկը, մի անգլիացի նորաբնակ, իր նավակով եկավ մեզ դիմավորելու։ Այս վայրի բնակիչների պատմությունն ամենասահմանափակ խոսքերով հետևյալն է։ Մոտ իննը տարի առաջ մր. Հերը, մի անարժան մարդ, Արևելյան Հնդկական Արշիպելագից բերում է մալայեցի ստրուկներ, որոնք այժմ, ներառյալ և երեխաները, թվով հարյուրից ավելի են։ Կարճ ժամանակից հետո կապիտան Ռոսը, որն առաջուց այցելած է եղել այս կղզիներն իր առևտրական նավով, ժամանում է Անգլիայից, բերելով իր հետ իր ընտանիքը և սետլմենտի համար ապրանքներ, նրա հետ գալիս է մր. Հիսկը, որը նրա նավում նավապետի օգնական է լինում։ Մալայեցի ստրուկները շուտով փախչում են այն կղզուց, որտեղ հաստատվել էր մր. Հերը, և միանում են կապիտան Ռոսի խմբին։ Այնուհետև մր. Հերն ստիպված վերջնականապես թողնում է այդ երկիրը։ Մալայեցիներն այժմ համարվում են ազատ և իսկապես ազատ են, ինչ չափով որ այդ վերաբերում է նրանց նկատմամբ եղած անհատական վերաբերմունքին, բայց այլ բազմաթիվ խնդիրներում նրանք նկատվում են որպես ստրուկներ։ Նրանց դժգոհ վիճակից, կղզուց կղզի կրկնվող տեղափոխությունից, թերևս և մի փոքր հոռի ղեկավարությունից դրությունը շատ լավ չէ։ Կղզին չունի ընտանի չորքոտանիներ՝ բացառությամբ խոզի, և գլխավոր բուսական պրոդուկտը կոկոսյան ընկույզն է։ Վայրի ամբողջ բարգավաճումը կախված է այս ծառից. արտահանվող նյութերն են ընկույզից ստացված յուղը և ընկույզը, որ տանում են Սինգապուր և Մավրիկյան կղզին, որտեղ նրանք գործածվում ենք մանրելուց հետո, գլխավորապես կյուրի (համեմունք) պատրաստելու համար։ Խոզերը նույնպես, որոնք բեռնավորված են ճարպով, գրեթե ամբողջովին պահվում են կոկոսյան ընկույզով, ինչպես և բադերն ու հավերը։ Մինչև անգամ ցամաքային մի մեծ խեչափառ բնությունից օժտված է այս ամենաօգտակար պտուղը ջարդելու միջոցներով, և սնվում է նրանով։

Լագունային կղզու օղակաձև, ռիֆն իր երկարության մեծ մասի վրա շրջապատված է գծային կղզյակներով։ Հյուսիսային կամ հողմակոծ կողմում կա մի բացվածք, որի միջով նավերը կարող են անցնել ներսի խարսխակայանը։ Ներս մտնելիս տեսարանը շատ հետաքրքրական էր և բավականին գեղեցիկ, սակայն նրա գեղեցկությունն ամբողջովին կախված է շրջապատող գույների շողշողունությունից։ Լագունի ծանծաղ, վճիտ և խաղաղ ջուրը, որը մեծ մասամբ գտնվում է սպիտակ ավազե հատակի վրա, երբ լուսավորվում է վերտիկալ արևից, տալիս է ամենավառ կանաչ գույն։ Այս մի քանի մղոն լայնությամբ շողշողուն տարածությունը բոլոր կողմերով բաժանված է կամ ձյան սպիտակությունն ունեցող կոհակների գծով, որ առաջացնում են օվկիանոսի մութ և հառաչող ջրերը, կամ ցամաքի կանաչ շերտով՝ կոկոսյան ընկույզի ծառերի հորիզոնական գագաթներով պսակված, որոնք նկարվում են երկնքի կապույտ ֆոնի վրա։ Ինչպես որ մի սպիտակ ամպ այստեղ և այնտեղ մի դուրեկան կոնտրաստ է կազմում լազուր երկնքի հետ, այնպես էլ լագունում կենդանի կորալների զոլերը մթագնել էին զմրուխտականաչ ջուրը։

Հաջորդ առավոտ խարիսխ գցելուց հետո ես ափ դուրս եկա Դիրեքշըն կղզին։ Չոր ցամաքի այդ շերտը միայն մի քանի հարյուր կանգուն լայնություն ունի. լագունի կողմի վրա կա մի սպիտակ կրային ծովեզր, որից անդրադարձած լույսն այս հեղձուցիչ կլիմայում խիստ անտանելի էր, իսկ դրսի ափին մի պինդ, լայն և հարթ կորալային ժայռի վրա փշրվում են բաց ծովի ալիքները։ Բացառությամբ լագունի մերձակայքի, որտեղ կա մի քիչ ավազ, ցամաքն ամբողջովին կազմված է կորալի կլորացած բեկորներից։ Այսպիսի թույլ, չոր քարքարոտ հողում միայն միջարևադարձային գոտու կլիման կարող էր ուժեղ բուսականության առաջացնել։ Մի քանի կղզյակներում ոչինչ ավելի վայելուչ չէր կարող լինել, քան այն, որ մատղաշ, ինչպես և լրիվ աճած կոկոսյան ընկույզի ծառերը, առանց մեկը մյուսի սիմետրիային խանգարելու, կազմել էին մի խառն անտառ։ Սպիտակ ավազի փայլուն շերտը գեղեցիկ կերպով եզերել էր այս պատրանքի կղզիները։

Այժմ տալու եմ այս կղզիների բնական պատմության ուրվագիծը, որտեղ տեսակների սակավությունն առանձին հետաքրքրություն ունի։ Առաջին ակնարկից թվում է, թե ամբողջ անտառը կազմում են կոկոսյան ընկույզի ծառերը, սակայն կան հինգ կամ վեց այլ տեսակի ծառեր։ Սրանցից մեկը շատ է մեծանում ծավալով, բայց իր փայտի ծայր աստիճան փափուկ լինելու պատճառով պիտանի չէ. մի ուրիշը տալիս է հրաշալի ատաղձ նավաշինության համար։ Բացի ծառերից, մնացած բույսերը թվով չափազանց սահմանափակ են և կազմում են անպետք խոտեր։ Իմ կոլեկցիայում, որն իմ կարծիքով ընդգրկում է ամբողջ ֆլորան, կա քսան տեսակ, առանց հաշվելու մի մամուռ, մի քարաքոս և մի սունկ։ Այս թվին պետք է ավելացնել ևս երկու ծառ, որոնցից մեկը ծաղկած չէր, իսկ մյուսի մասին միայն լսել եմ։ Վերջինս իր տեսակի միակ ներկայացուցիչն է կղզում և աճում է ծովափի մոտ, որտեղ, անկասկած, ալիքները նետել են սերմի մի հատիկ։ Guilandina-ն նույնպես աճում է միայն կղզյակներից մեկի վրա։ Վերոհիշյալ ցուցակը չեմ մտցրել շաքարեղեգը, բանանը, մի շարք այլ կանաչեղեններ, մրգի ծառեր և ներմուծված հացաբույսերը։ Որովհետև կղզիներն ամբողջովին կազմված են կորալից և մի ժամանակ պետք է գոյություն ունեցած լինեն որպես սոսկ հեղեղվող ռիֆեր, ուստի նրանց բոլոր ցամաքային պրոդուկցիաները պետք է տեղափոխված լինեն այստեղ ծովի ալիքներով։ Դրա համապատասխան էլ florula-ն (փոքր ֆլորան) լքյալների ապաստարանի տեսք ունի։ Պրոֆ. Հենսլոն տեղեկացնում է ինձ, որ քսան տեսակից տասնիննը պատկանում են տարբեր ցեղերի և վերջիններս էլ ոչ պակաս քան տասնվեց ընտանիքի։[195]

Հոլմենի[196] „Travels”-ում, մր. Ա. Ս. Կիտինգի հեղինակության վրա հիմնվելով, որն այո կղզիների վրա ապրել է տասներկու ամիս, նկարագրված են այն զանազան սերմերը և մարմինները, որոնք ջրի միջոցով բերվել են ափ։ «Սումատրայից և Ճավայից սերմեր և բույսեր կոհակների միջոցով քշվում բերվում են կղզիների այն կողմերի վրա, որոնք գտնվում են քամիների դիմաց։ Բերվածների մեջ գտնվել են՝ կիմիրին, Սումատրայի և Մալակա թերակղզու տեղական բույս. Բալցիի կոկոսյան ընկույզը, որը ճանաչվում է իր ձևով և ծավալով. դադասը, որը մալայեցիները տնկում են պղպեղի թփի հետ, վերջինս (պղպեղի թուփը) փաթաթվում է նրա բնին և հենվում է ցողունի փշերի վրա. օճառի ծառը, գյանագերչակը. սագո արմավի բներ և տարբեր տեսակի սերմեր, որոնք հայտնի են այս կղզիների վրա բնակեցրած մալայեցիներին։ Այս բոլորը, ինչպես ենթադրում են, քշվում են հյուսիս-արևմտյան մուսոնների (քամիներ) միջոցով դեպի Նոր Հոլանդիայի ափերը, իսկ այնտեղից հարավ-արևելյան պասատային քամիները նրանց բերում են այս կղզիները։ Բացի կարմիր և սպիտակ վիթխարի ծառերից և Նոր Հոլանդիայի կապույտ խեժի ծառից, գտնված է նաև մեծ քանակությամբ Յավայի տիկենի (Tectonia. grandis), բոլորովին առողջ վիճակում։ Բոլոր պինդ սերմերը, ինչպես, օրինակ, սողացողների սերմերը, պահում են իրենց ծլելու կարողությունը, մինչ փափուկ տեսակները, որոնցից է մանգոստանինը, ոչնչանում են ճանապարհին, Երբեմն ափ են բերվում ձկնորսական նավակներ, հավանորեն Յավայից»։ Այսպիսով հետաքրքրական փաստ է դառնում այն, թե որչափ բազմաթիվ են այն սերմերը, որոնք գալիս են զանազան երկրներից, և քամին նրանց ցրում է լայն օվկիանոսի վրա։ Պրոֆ. Հենսլոն ասում է ինձ, որ, իր կարծիքով, գրեթե բոլոր այն բույսերը, որ ես բերել եմ այս կղզիներից, Արևելյան Հնդկաստանի արշիպելագի ծովեզրյա տեսակներ են։ Սակայն քամու և հոսանքի ուղղությունից հազիվ թե հնարավոր թվա այն, որ նրանք կարող են այստեղ գալ ուղիղ գծով։ Եթե, ինչպես նշում է մեծ հավանականությամբ մր. Կիտինգը, նրանք նախ տարվեին դեպի Նոր Հոլանդիայի ափերը և այնտեղից ետ քշվեին այդ երկրի պրոդուկցիաների հետ միասին, ապա ծլելուց առաջ այս սերմերը պետք է ճանապարհորդած լինեն 1800-ից մինչև 2400 մղոն։

Շամիսոն[197], նկարագրելով Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում գտնվող Ռադակի արշիպելագը, նշում է, որ «Ծովն այս կղզիներն է բերում բազմաթիվ ծառերի սերմերը և պտուղները, որոնց մեծ մասը դեռ չեն աճել այստեղ։ Այս սերմերի մեծ մասը թվում է թե չեն կորցրել աճելու կարողությունը»։ Ասում են նաև, որ արմավները և բամբուկները այրեցյալ գոտու մի անկյունից, և եղևնու բները հյուսիսից բերվում են այս կղզիները. այս եղևնիները պետք է որ եկած լինեն ահռելի հեռավորությունից։ Այս փաստերը չափազանց հետաքրքրական են։ Չի կարելի կասկածել, որ եթե ցամաքային թռչուններ լինեին և առաջին անգամ ափ նետված սերմերը կուլ տային, և կորալի թույլ խոշոր քարակույտերի փոխարեն ավելի հարմար հող լիներ, ապա ժամանակի ընթացքում լագունային կղզիներից աժենաանջատներն անգամ շատ ավելի առատ ֆլորա կունենային, քան այն, որ կա այժմ։

Ցամաքային կենդանիների ցուցակն ավելի աղքատ է, քան բույսերինը։ Կղզյակներից մի քանիսը բնակեցված են առնետներով, որոնք եկել են Մավրիկիայից մի նավով, որը խորտակվել է այս կղզիների մոտերքում։ Մր. Ուռթըրհաուզն այս մկները նույնացնում է անգլիական տեսակի հետ, բայց նրանք ավելի փոքր են և ավելի պայծառ գույն ունեն։ Իսկական ցամաքային թռչուններ չկան, որովհետև կա մի աքար և մի շամբահավ (Rallus Phillippenis), որոնք թեև ամբողջովին ապրում են չոր խոտերով, բայց պատկանում են բարձրասրունների կարգին։ Ասում են, որ այս կարգի թռչուններ տարածված են Խաղաղ օվկիանոսի մի քանի փոքր և ցածր կղզիների վրա։ Ասենսիոն կղզում (Համբարձման կղզի), որտեղ չկա ցամաքային թռչուն, մի կատար (Porphyrio simplex) են խփում լեռան գագաթի մոտ, և ակներևաբար այդ մի մենավոր թափառաշրջիկ է եղել։ Տրիստան դ’Ակունյայում, որտեղ, համաձայն Կարմիչելի, կա միայն երկու ցամաքային թռչուն, պատահում է մի օրի (ծովային բադ)։ Այս փաստերի վրա հիմնվելով, ես կարծում եմ, որ բարձրասրունները, անհաշիվ թաղանթավոտ տեսակներից հետո, սովորաբար փոքր անջատ կղզիների առաջին կոլոնիստներն են։ Ես կարող եմ ավելացնել, որ հեռու բաց ծովում իմ նկատած բոլոր թռչունները, բացառությամբ օվկիանոսային տեսակների, միշտ պատկանել են այս կարգին, ուստի և նրանք բնականորեն պետք է լինեին ցամաքի որևէ հեռավոր կետի ամենանախնական կոլոնիստները։

Սողուններից ես տեսա միայն մի փոքրիկ մողես։ Ես նեղություն կրեցի հավաքելու միջատների բոլոր տեսակները։ Բացի սարդերից, որոնք բազմաթիվ են, կային տասներեք տեսակ[198] միջատ։ Սրանցից միայն մեկ տեսակ բզեզ կար։ Մի տեսակի փոքրիկ մրջյուններ վխտում էին հազարներով կորալային ապառաժների չոր և փխրուն կույտերի տակ, և այդ միակ իսկական միջատն էր, որ գտնվում էր առատ քանակությամբ։ Թեև ցամաքի արտադրանքներն այսպես սակավ են, բայց եթե նայենք շրջապատող ծովի ջրերին, օրգանական էակներ ի թիվն իսկապես անսահման է։

Շամիսոն նկարագրել է[199] Ռադակի արշիպելագի լագունային կղզու բնական պատմությունը, և հետաքրքրական է, թե որչափ խիստ նման են այդ կղզիների բնակիչները և թվով, և տեսակով՝ Կիլինգ կղզիների բնակիչներին։ Այնտեղ կան մի մողես և երկու բարձրասրուն, այն է՝ մի աքար և մի ծովային կտցար։ Բույսերից կա տասնինը տեսակ՝ ներառյալ մի պտեր և սրանցից մի քանիսը նույնն են, ինչ որ աճում են այստեղ՝ Կիլինգ կղզիներում, թեև այս կետերն իրարից չափազանց հեռու են և գտնվում են տարբեր օվկիանոսներում։

Ցամաքի երկար երիզները, որ կազմում են այս գծանման կղզիները, բարձրացել են միայն այնքանը որ կոհակները կարող են նրանց վրա կորալի բեկորներ նետել և քամին կարող է կրային ավազ կիտել։ Կորալային հարթ, պինդ և լայն ժայռը դրսի կողմում խորտակում է ալիքների ուժգնությունը, այլապես մի օրում ալիքները կքշեին կտանեին այս կղզյակները և նրանց բոլոր պրոդուկցիաները։ Կարծեք թե այստեղ օվկիանոսը և ցամաքը պայքարում են տիրապետության համար, թեև ցամաքն այստեղ իր ոտի տեղն արել է, բայց ջրի իրավաբնակիչները մտածում են, որ իրենց պահանջն առնվազն հավասարապես ճիշտ է։ Յուրաքանչյուր մասում մարդ հանդիպում է մեկից ավելի տեսակների պատկանող[200] մենակյաց խեչափառի, որոնք իրենց կռնակին տանում են մոտակա ծովափից գողացած խեցիներ։ Գլխավերևում բազմաթիվ խոլահավեր, պելիկաններ և ծովային ծիծեռնակներ հանգստանում են ծառերի վրա, իսկ անտառն իր բազմաթիվ բներով և ապականված մթնոլորտով ագռավանոցի տպավորություն էր թողնում։ Խոլահավերը, իրենց կոշտ բներին նստած, աչքները հառում են մեկի վրա ապուշ, բայց բարկացկոտ եղանակով։ Ապուշիկները, ինչպես ցույց է տալիս նրանց անունը, տխմար փոքրիկ արարածներ են։ Բայց կա և մի թովիչ թռչուն. այդ մի փոքրիկ, ձյան չափ սպիտակ ծովային ծիծեռնակ է, որը հանդարտորեն սուրում է որոշ հեռավորության վրա, մարդու գլխից մի քանի ոտնաչափ վերևից, որի մեծ սև աչքը ուշադրությամբ զննում է մարդու արտահայտությունը։ Կարծեք թե այդ թեթև և նուրբ մարմնի մեջ թաքնված է մի թափառող մոգական ոգի։

Կիրակի, ապրիլի 3.— Ճաշից հետո կապիտան Ֆից Ռոյի հետ գնացի սետլմենտը (բնակավայր), որը գտնվում էր մի քանի մղոն հեռավորության վրա, կոկոսյան ընկույզի բարձր, խիտ ծառերով ծածկված մի կղզյակի ծայրին։ Կապիտան Ռոսը և մր. Լիսկն ապրում են մարագանման մի մեծ տան մեջ, որի երկու ծայրերն էլ բաց են՝ հյուսված կեղևից պատրաստած խսիրներով երիզված։ Մալայեցիների տները դասավորված են լագունի ափի երկայնությամբ։ Վայրն ամբողջությամբ ամայի տեսք ուներ, որովհետև չկային այնպիսի պարտեզներ, որոնք մշակման և հոգատարության նշաններ ցույց տային։ Տեղացիները հավաքված են Արևելյան Հնդկական արշիպելագի տարբեր կղզիներից, բայց բոլորն էլ խոսում են միևնույն լեզուն. այստեղ մենք տեսանք Բոռնեոյի, Ցելերեսի, Յավայի և Սումատրայի բնակիչներին։ Գույնով սրանք նման են տաիտցիներին, որոնցից շատ չեն տարբերվում և դիմագծերով։ Սակայն կանանցից մի քանիսն ավելի շուտ մոտիկ են չինական տիպին։ Ես սիրում էի նրանց և՛ ընդհանուր արտահայտությունները, և՛ ձայնի հնչյունը։ Նրանք աղքատ էին երևում, և նրանց տները զուրկ էին կահկարասիից, բայց ակներև էր, որ նկատի ունենալով նրանց փոքրիկ երեխաների չաղլիկությունը, կոկոսյան ընկույզը և ծովակրիան վատ սնունդ չեն կազմում։

Այս կղզու վրա գտնվում են ջրհորներ, որոնցից նավերը ջուր են վերցնում։ Առաջին հայացքից պակաս նշանակալից չի թվում, որ թարմ ջուրը կանոնավորապես մակընթանում և տեղատվում է ծովի մակընթացության և տեղատվության հետ միասին, և մինչև անգամ ենթադրել են, որ ավազն ունի աղը ծովի ջրից ֆիլտրելու կարողություն, Այս տեղատվող ջրհորները տարածված են Վեստ-Ինդիայի ցածր կղզիներից մի քանիսի վրա։ Սեղմված ավազի կամ ծակոտկեն կորալային ապառաժի մեջ սպունգի նման ներծծվում է աղի ջուրը, բայց անձրևը, որը թափվում է մակերեսին, պետք է որ սուզվի մինչև շրջապատող ծովի մակարդակը և կուտակվի այնտեղ տեղակալելով հավասար քանակի աղի ջրի։ Ինչպես որ սպունգանման կորալային զանգվածի ստորին մասերի ջուրը բարձրանում և իջնում է մակընթացության և տեղատվության հետ միասին, նույնը տեղի է ունենում նաև մակերեսին մոտիկ ջրի հետ, և այս մաքուր կմնա, եթե զանգվածը բավարար չափով կոմպակտ լինի և թույլ չտա մեխանիկական խառնուրդի. բայց որտեղ որ ցամաքը կազմված է կորալային մեծ փխրուն կույտերից, բաց անջրպետներով, հոր փորելիս ջուրը, ինչպես ես տեսել եմ, աղի է լինում։

Ճաշից հետո մենք մնացինք մի հետաքրքրական կիսասնոտիապաշտական տեսարան դիտելու, որ ներկայացնելու էին մալայեցի կանայք։ Պատմուճան հագցրած մի մեծ փայտի գդալ, որը տարել էին մի մեռած մարդու գերեզմանը, պետք է ներշնչվեր լուսնի լրման ժամանակ և պարեր ու ցատկռտեր այս ու այն կողմ։ Առանձին պատրաստությունները տեսնելուց հետո գդալը, որը բռնել էին երկու կին, կուչ եկավ և շրջապատող երեխաների ու կանանց երգի ուղեկցությամբ սկսեց պարել։ Այս մի վերին աստիճանի տխմար տեսարան էր, բայց մր. Լիսկը հավատացնում էր, որ մալայեցիներից շատերը հավատում էին նրա գերբնական շարժումներին։ Պարը չսկսվեց մինչև լուսնի բարձրանալը, և արժեր սպասել նրա պայծառ գունդը տեսնելու, որն այնքա՜ն խաղաղ շողում էր կոկոսյան ընկույզի ծառերի ճյուղերի միջից, երբ նրանք օրորվում էին երեկոյան զեփյուռից։ Այս տեսարաններն արևադարձային երկրներում ըստինքյան այնքան քնքույշ են, որ նրանք գրեթե հավասարվում են հայրենիքում եղած ավելի թանկագին տեսարաններին, որոնց հետ կապված ենք մտքի լավագույն զգացմունքներով։

Հաջորդ օրը ևս զբաղված էի այս կղզիների չափազանց հետաքրքրական, բայց պարզ կառուցվածքը և ծագումն ուսումնասիրելով։ Ջուրը լինելով անսովոր աստիճանի խաղաղ, ես անցնում էի մեռած կորալներից կազմված ժայռի ծանծաղ եզրի վրայով, մինչև կենդանի կորալների պատնեշները, որոնց վրա փշրվում է բաց ծովի կոհակը։ Մի քանի հեղեղանցքերում և խոռոչներում կային գեղեցիկ կանաչ և այլ գույնի ձկներ, և բազմաթիվ զոոֆիտներ սքանչելի էին իրենց ձևերով և նրբերանգներով։ Ներելի է, եթե մեկը հոգեզմայլվի օրգանական էակների այն անսահման թվով, որոնցով արևադարձների ծովերը, անչափ շռայլ կյանքով, վխտում են, բայց պետք է խոստովանեմ, որ, իմ կարծիքով, այն բնագետները, որոնք գեղեցիկ բառերով նկարագրել են ստորջրյա քարայրները, հազար ու մի գեղեցկություններով զարդարված, անձնատուր են եղել լեզվի շռայլության։

Ապրիլի 6.— Ես ընկերացա կապիտան Ֆից Ռոյին՝ լագունի ծայրին գտնվող մի կղզի գնալու համար. կանալը ծայր աստիճան ոլորապտույտ էր և ոլորվելով անցնում էր քնքշորեն ճյուղավորված կորալների դաշտերի միջով։ Մենք տեսանք մի քանի ծովային կրիա, և երկու նավակ զբաղված էին կրիաներ բռնելով։ Ջուրն այնքան վճիտ էր և ծանծաղ, որ թեև սկզբում կրիան արագ սուզվում և կորչում է տեսողությունից, բայց նավակով կամ առագաստանավակով հետապնդողները ոչ երկար հալածումից հետո կանգնում են նրա գլխին։ Որսորդներից մեկը աղեղացռկում պատրաստ կանգնած, ուժեղ նետվում է ջրի միջով կրիայի կռնակը, ապա երկու ձեռքով կառչում նքա կռնակի պատյանին. կրիան նրան տանում է այնքան, մինչև ուժասպառ է լինում, որից հետո նրան դնում են նավի մեջ, հետաքրքրական էր տեսնել, թե ինչպես երկու նավակները շուռ էին գալիս այս ու այն կողմ, իսկ մարդիկ, գլուխներն առաջ, նետվում էին ջուրը՝ ջանալով բռնել իրենց որսը։ Կապիտան Մորսրին տեղեկացնում է ինձ, որ Չագոսի արշիպելագում, որը գտնվում է այս միևնույն օվկիանոսում, տեղացիները մի սոսկալի պրոցեսով հանում են կենդանի կրիայի պատյանը։ «Նրան ծածկում են այրվող ածուխով, որից արտաքին պատյանը դառնում է դեպի վեր, այնուհետև այն հեռացնում են դանակով և մինչև սառչելը տափակացնում են այն՝ երկու տախտակների միջև դնելով։ Այս բարբարոսական պրոցեսից հետո կենդանին նորից գցում են ջուրը, որտեղ որոշ ժամանակից հետո կազմվում է նոր պատյան. սակայն այդ չափազանց բարակ լինելով՝ պիտանի չէ, և կենդանին միշտ երևում է նվաղկուն ու հիվանդ։

Երբ ժամանեցինք լագունի ծայրը, խաչաձևեցինք մի նեղ կղզյակ, որտեղ տեսանք մի մեծ կոհակ քամու կողմի ափի վրա փշրվելիս։ Չգիտեմ, թե ինչու այդ լագունային կղզիների արտաքին ափերն իմ մտքում առաջացնում են վեհաշուք տպավորություն։ Նրանց բարիերանման ծովափերում, կանաչ թփուտների և բարձր կոկոսյան ընկույզի ծառերի երիզում, մեռած կորալային ժայռի պինդ, հարթ զանգվածում, որ այս ու այն կողմ սփռված է փխրուն մեծ բեկորներով, և ամեն կողմ վազող և մոլեգնորեն փշրվող կոհակների սահմանում, կա մի պարզություն։ Օվկիանոսն իր ջրերը թափելով լայն ռիֆի վրա, թվում է, թե նա վերջինիս համար անհաղթելի, ամենակարող թշնամի է. մինչ մենք տեսնում ենք, որ այդ ուժին դիմադրում են ռիֆերը և մինչև անգամ հաղթում այնպիսի միջոցներով, որ առաջին հայացքից շատ թույլ և անզոր են երևում։ Օվկիանոսը չէ, որ խնայում է կորալային ժայռին, մեծ բեկորները, ռիֆի վրա ցրված և ծովեզրին կիտված, որտեղից դուրս են թռչում կոկոսյան ընկույզի բարձր ծառերը, պարզ խոսում են ալիքների անողոք ուժի մասին։ Եվ ոչ էլ դադարի պերիոդ է տրվում։ Ծովի երկար ուռուցքները, որ առաջացնում են մեղմ, բայց անընդհատ գործող պասատային քամիներից, առաջանում են այնպիսի ալիքներ, որոնք ուժով գրեթե հավասարվում են բարեխառն գոտում ուժեղ քամիներից առաջացած ալիքներին, և սրանք երբեք չեն դադարեցնում իրենց ցասումը։ Անկարելի է տեսնել այս ալիքներն՝ առանց համոզված կերպով զգալու, որ որևէ կղզի, մինչև անգամ այնպիսի կարծր ապառից կազմված, ինչպես պորֆիրը, գրանիտը կամ կվարցն է, վերջիվերջո տեղի կտար և կոչնչանար այսպիսի մի անդիմադրելի ուժի հարվածներից։ Մինչդեռ այս ցածր, աննշան կղզյակները կանգուն են և հաղթական, որովհետև այստեղ մի այլ ուժ, որպես մի անտագոնիստ, մասնակցում է պայքարին։ Օրգանական ուժերը մեկ առ մեկ անջատում են փրփրացող ալիքների կալցիում կարբոնատի ատոմները և, միացնելով նրանց, կազմում սիմետրիկ ստրուկտուրա։ Թող փոթորիկը մաշեցնի նրա հազարավոր ահռելի բեկորները. իսկ ի՞նչ կասեիք այն գործի մասին, որ կատարում են բյուրավոր ճարտարապետներ գիշեր և ցերեկ, ամիս առ ամիս։ Այսպիսով, մենք տեսնում ենք, որ մի պոլիպի փափուկ և ժելատինային մարմինը կենսական օրենքի միջոցով նվաճում է օվկիանոսի ալիքների այն մեծ մեխանիկական ուժը, որին չէին կարոզ հաջող կերպով դիմադրել ոչ մարդու արվեստը և ոչ էլ բնության անկենդան կառուցումները։

Նավը վերադարձանք ուշ երեկոյան, որովհետև երկար ժամանակ սպասեցինք լագունում, զբաղված լինելով կորալային դաշտերի և մի չամայի հսկա պատյանների ուսումնասիրությամբ, որի մեջ եթե մի մարդ իր ձեռքը դներ, այլևս ետ քաշել չէր կարողանա, մինչև որ չսպանեին կենդանուն։ Ես շատ էի զարմացել՝ գտնելով լագունի ծայրի մոտ մի լայն տարածություն, զգալիորեն ավելի քան մեկ քառակուսի մղոն ծածկված անտառի նման նուրբ ճյուղավորված կորալներով, որոնք թեև կանգուն, բոլորն էլ մեռած էին և փտած։ Սկզբում ես բոլորովին չէի կարողանում հասկանալ սրա պատճառը. հետագայում մտածեցի, որ այս արդյունք է հետևյալ տարօրինակ պարագաների միավորման։ Նախ պետք է նշել, որ կորալները չեն կարող ապրել, եթե մինչև անգամ կարճ ժամանակով մնան օդի մեջ արեգակի ճառագայթների տակ. այնպես որ նրանց աճման սահմանը դեպի վեր՝ որոշվում է տեղատվության ամենացածր սահմանով։ Մի քանի հին քարտեզներից երևում է, որ քամուն ուղղված երկար կղզին առաջ լայն կանաչներով բաժանված է եղել մի քանի կղզյակների, այս փաստը երևում է նաև ծառերից, որոնք այս մասում երիտասարդ են։ Ռիֆի հին պայմաններում մի ուժեղ քամի, ավելի շատ քանակությամբ ջուր նետելով բարիերի վրայով, պետք է որ բարձրացներ լագունի մակարդակը։ Այժմ այդ կատարվում է ճիշտ հակառակ ձևով, որովհետև լագունի ջուրը ոչ միայն չի շատանում դրսի հոսանքներից, այլ հենց լագունի ջուրն է դուրս քշվում քամու ուժով։ Այստեղից էլ նկատվում է, որ լագունի ծայրում մակընթացությունն ուժեղ քամու ժամանակ այնքան չի բարձրանում, որքան խաղաղ ժամանակ։ Մակարդակի այս տարբերությունը, թեև անկասկած շատ փոքր, իմ կարծիքով եղել է այս կորալների մահվան պատճառը, որոնք արտաքին ռիֆերի հին և ավելի նպաստավոր պայմաններում արդեն հասել էին դեպի վեր աճելու հնարավոր ամենաբարձր սահմանը։

Կիլինգից մի քանի մղոն հյուսիս կա մի այլ փոքրիկ ատոլ, որի լագունը գրեթե լցված է կորալային տղմով։ Կապիտան Ռոսն արտաքին ափին գտնված կոնգլոմերատի մեջ ներփակված գտավ գրինշտեյնի (կանաչ քար) լավ կլորացած մի բեկոր, որը մարդու ձեռքից մեծ էր։ Նա և նրա հետ եղող մարդիկ այնքան զարմացել էին այս բանի վրա, որ վերցրել էին այն ու բերել հետները և պահել որպես հետաքրքրական բան։ Իսկապես, չափազանց հանելուկային է այս մի հատիկ քարի գտնվելը այնպիսի մի տեղում, որտեղ նյութի յուրաքանչյուր մաս կրային է։ Հազիվ թե երբևէ այդ կղզին առաջուց մարդիկ այցելած լենեին, և ոչ էլ հավանական է, որ այնտեղ նավ կարող էր խորտակված լինել։ Ավելի լավ բացատրություն չլինելու պատճառով ես եկա այն եզրակացության, որ այդ քարն այստեղ պետք է եկած լինի մի մեծ ծառի արմատների մեջ խճճվելով, սակայն երբ նկատի էի ունենում ամենամոտիկ ցամաքի և այս կղզիների միջև եղած մեծ հեռավորությունը, քարն այս ձևով խճճված լինելու. անհավանականությունը, ծառի քշվելը ծովը և լողալն այնքան հեռու, ապա ապահով ցամաքի հասնելը և վերջապես քարի այնպես թաղված լինելը, որ հնարավոր եղավ հեշտությամբ հայտնաբերել, դժվարանում էի պատկերացնել տրանսպորտի այդքան անհավանական միջոց։ Ուստի շատ հետաքրքրական էին Շամիսոյի, այդ հռչակավոր բնագետի, որն ուղեկցել էր Կոցեբուին, դիտողություններն այն մասին, որ Խաղաղ օվկիանոսի մեջտեղի լագունային կղզիների մի խմբի — Ռադակ արշիպելագի — բնակիչներն իրենց գործիքները սրելու համար ձեռք էին բերում քարեր՝ վերջիններս փնտրելով ծովեզրը նետված ծառերի արմատների մեջ։ Ակներև է, որ այս շատ անգամ է պատահել, որովհետև օրենքներ էին սահմանվել, որ այդպիսի քարերը պատկանում են առաջնորդին, և սահմանված էն եղել պատիժներ նրանց համար, ովքեր փորձում են գողանալ այդ քարերը։ Երբ նկատի ենք առնում այս փոքրիկ կղզիների առանձնացած դիրքը մի ընդարձակ օվկիանոսի մեջտեղում, նրանց մեծ հեռավորությունը որևէ ցամաքից, բացառությամբ կորալային կազմության կղզիների, մի հանգամանք, որի ապացույցը տեսնում ենք տեղացիների մոտ, որոնք, թեև խիզախ ծովագնացներ, մեծ արժեք են տալիս որևէ տեսակի քարի,[201] և բաց ծովի հոսանքների դանդաղությունը, ապա այս ձևով փոխադրված խճերի գոյությունը զարմանալի է թվում։ Այս ձևով կարող են քարեր տարվել շատ հաճախ, իսկ եթե այն կղզին, որի ափն են դուրս գալիս սրանք, բացի կորալից կազմված է նաև այլ նյութից, հազիվ թե այս քարերն ուշադրության արժանանան, համենայն դեպս նրանց ծագման վերաբերյալ ոչ մի ենթադրություն չէր առաջանա։ Դեռ ավելին, այս միջոցը երկար ժամանակ կարող է չհայտնաբերվել, որովհետև ծառերը, մասնավորապես քարերով ծանրաբեռնվածները, հավանաբար լողում են ջրի մակերեսի տակով։ Հրո Երկրի կանալներում ծովեզր է նետվում մեծ քանակությամբ ծփացող ատաղձ, բայց խիստ հազվադեպ է պատահում, որ ծառը լողա ջրի երեսով։ Այս փաստը գուցե կարողանա լույս սփռել այն մի հատիկ քարերի վրա, անկյունավոր կամ կլոր, որոնք երբեմն գտնվում են թաղված սեդիմենտային մանր զանգվածների մեջ։

Մի այլ օր ես այցելեցի Ուեստ Այլետը (արևմտյան կղզյակ), որի վրա բուսականությունը ավելի փարթամ էր, քան որևէ այլ կղզու վրա։ Կոկոսյան ընկույզի ծառերը սովորաբար աճում են իրարից անջատ, բայց այստեղ երիտասարդ ծառերը բարգավաճում էին իրենց բարձր ծնողների տակին և իրենց երկար ու կորացած ճղատերևներով կազմել էին ամենաստվերոտ պատսպարաններ։ Միայն նրանք, ովքեր փորձել են, գիտեն, թե որչափ բերկրալի է նստել այդպիսի ստվերի տակ և խմել կոկոսյան ընկույզի հաճելի զով հեղուկը։ Այս կղզում կա մի մեծ ծոցանման տարածություն, բաղկացած ամենամանր սպիտակ ավազից. նա բոլորովին հարթ է և միայն մակընթացության ժամանակ ծածկվում է ջրով. այս մեծ ծոցից փոքրիկ երկար խորշեր թափանցում են շրջապատի անտառները։ Տարօրինակ և գեղեցիկ տեսարան էր ներկայացնում այդ կիսա-սպիտակ, փողփողուն ավազը շրջապատված կոկոսյան ընկույզի ծառերով, որոնք տարածում են իրենց բարձր և ծածանվող բները ծովի եզերքներին։

Առաջուց ես ակնարկել եմ մի խեչափառ, որն ապրում է կոկոսյան ընկույզներով, նա շատ տարածված է ցամաքի բոլոր մասերում և հրեշային ծավալ է ունենում։ Նա խիստ մոտիկ է կամ նույնատիպ Birgos latro-յին։ Սրունքների առջևի զույգը վերջանում է շատ ուժեղ և ծանր աքցաններով, իսկ հետևի զույգին հարմարեցված են ուրիշ աքցաններ, թեև ավելի թույլ և շատ ավելի նեղ։ Սկզբում այնպես է թվում, թե բոլորովին հնարավոր չէ, որ խեչափառը կարողանա բաց անել մի պինդ կոկոսյան ընկույզ՝ կեղևով ծածկված, բայց մր. Լիսկն ինձ վստահացնում էր, որ նա մի քանի անգամ տեսել է այդ գործողության լրիվ կատարումը։ Խեչափառը նախ պատառոտում է կեղևը թել առ թել, և միշտ սկսում է այն ծալքից, որի տակ գտնվում են երեք աչքածակերը, երբ այդ վերջանում է, սկսում է իր ծանր ճանկերով մրճահարել աչքածակերից մեկը մինչև որ մի բացվածք առաջանա։ Ապա շուռ տալով իր մարմինը՝ հետևի զույգ նեղ աքցանների օգնությամբ դուրս է բերում սպիտակ ալբումինային նյութը։ Ես կարծում եմ, որ այս՝ բնազդի վերաբերյալ մինչ այժմ իմ լսած դեպքերից, ինչպես և կառուցվածքի հարմարեցման տեսակետից, ամենահետաքրքրական է, որ գոյություն ունի երկու, բնության սխեմայում իրարից առերևույթ այնպես հեռու առարկաների միջև, ինչպես խեչափառը և կոկոսյան ընկույզի ծառն են։ Բերզոսն իր սովորություններով ցերեկային կենդանի է, բայց առում են, որ նա ամեն գիշեր այցելում է ծովը. անկասկած այդ անում է խռիկները թրջելու նպատակով։ Փոքրիկ բիրդոսները նույնպես ձվից դուրս են գալիս ծովափին և որոշ ժամանակ ապրում են այնտեղ։ Այս խեչափառները բնակվում են խորը բներում, որ նրանք փորում են ծառերի արմատների տակ և որտեղ նրանք կուտակում են զարմանալի քանակությամբ կոկոսյան ընկույզի կեղևի թելիկներ, որոնց վրա հանգստանում են այնպես, ինչպես մի անկողնի վրա։ Մալայեցիները երբեմն օգտվում են այս հանգամանքից և հավաքում այս թելային մասսան՝ պարան գործելու համար։ Այս խեչափառները շատ լավ են ուտելու համար, մանավանդ որ մեծերի պոչերի տակ մեծ քանակությամբ ճարպ կա, որը հալելիս երբեմն կարող է քառորդ շիշ լցնել վճիտ յուղով։ Մի շարք հեղինակներ նշել են, որ բիրգոսն ընկույզ գողանալու նպատակով սողում է կոկոսյան ծառերն ի վեր. ես շատ եմ կասկածում այս բանի հնարավորության վրա, բայց Pandanus[202] ծառի համար այդ շատ ավելի հեշտ բան կլիներ։ Մր. Լիսկն ինձ ասում էր, որ այս կղզիների վրա բիրգոսն ապրում է միայն այն ընկույզներով, որոնք ընկնում են գետին։

Կապիտան Մորսբին ինձ տեղեկացնում է, որ այս խեչափառն ապրում է Չագոս և Սեյշել արշիպելագներում, բայց ոչ հարևան՝ Մալդիվայի արշիպելագում։ Առաջ այս խեչափառը վխտում էր Մավրիկիայում, բայց այժմ այնտեղ գտնվում են փոքրերը միայն, այն էլ քիչ քանակությամբ։ Ասում են[203], որ Խաղաղ օվկիանոսում Ընկերության կղզիներից հյուսիս, մի առանձին կորալային կղզու վրա ապրում է այս տեսակը, կամ խիստ մոտիկ սովորություններով մի այլ տեսակ։ Որպեսզի ցույց տամ առջևի զույգ աքցանների զարմանալի ուժը, ես կարող եմ հիշատակել մի դեպք. կապիտան Մորսբին փակում է սրանցից մեկին թիթեղյա ամուր արկղում, որը ժամանակին լցված է եղել սուխարիով. կափարիչը կապում է մետաղաթելով, բայց խեչափառը շուռ է տալիս թիթեղի ծայրերը և փախչում։ Ծայրերը շուռ տալիս նա ուղղակի թիթեղի պատից բաց է անում բազմաթիվ փոքրիկ ծակեր։

Ես բավականին զարմացել էի, երբ պարզվեց, որ միլեպորա (Millepora) ցեղի կորալների երկու տեսակ (M. complanata և alcicornis) ունեն խայթելու կարողություն։ Քարոտ ճյուղերը կամ սկուտեղները, երբ նոր են դուրս բերում ջրից, խորտուբորտ են և տղմոտ չեն, թեև ունեն ուժեղ և անդուրեկան հոտ։ Խայթելու հատկությունը, թվում է թե, տարբեր նմուշների մոտ տարբեր է։ Երբ այդ կորալից մի կտոր սեղմում կամ շփում էինք մեր թևի կամ երեսի մաշկի նուրբ տեղերին, սովորաբար առաջանում էր թեթև խայթելու զգացողություն, որն զգացվում էր մեկ վայրկյան ընդմիջումից հետո և տևում էր մի քանի րոպե միայն։ Սակայն մի օր երեսս այս ճյուղերից մեկին սոսկ դիպցնելիս վայրկենապես ցավ զգացվեց, այդ ցավը մեծացավ, ինչպես սովորաբար, մի քանի վայրկյանից հետո և սուր վիճակում մնաց մի քանի րոպե, այնուհետև զգալի էր կես ժամ։ Այդ զգացողությունը նույնչափ ուժեղ էր, որչափ եղինջինը, բայց շատ ավելի նման էր ֆիզալիայի, կամ պորտուգալական մարտանավի (Physalia) պատճառած զգացողությանը։ Թևի նուրբ մորթու վրա առաջանում էին փոքրիկ կարմիր բծեր, որոնք այնպես էին երևում, որ կարծեք թե ջրալից պալարներ էին կազմելու, բայց ոչինչ չեղավ։ Միլեպորաների նման հատկության մասին հիշատակում է մր. Կոան, և ես լսել եմ Վեստ Ինդիայի խայթող կորալների մասին։ Թվում է, թե շատ ծովային կենդանիներ ունեն խայթելու այս կարողությունը, բացի պորտուգալական մարտանավից (Physalia), բազմաթիվ ծովամայրերից և Aplysia-ից (Կանաչ Հրվանդանի կղզիների ծովային խխունջը), Աստրոլաբ նավի ճանապարհորդության մեջ նշված է, որ մի ակտինիա (Actitlia) կամ ծովային անեմոն, ինչպես և մի ճկուն կորալին, Sertularia-յին մոտիկ, ունեն հարձակվելու կամ պաշտպանվելու այս միջոցը։ Ասում են, որ Արևելյան Հնդկաստանի ծովում գտնվում է մի խայթող ջրիմուռ։

thumb

Scarus սեռի երկու տեսակ ձկներ, որոնք տարածված են այստեղ, բացառապես սնվում են կորալով. երկուսն էլ գունավորված են շքեղ կապտավուն-կանաչ գույնով, մեկն անփոփոխ ապրում է լագունում, իսկ մյուսն արտաքին կոհակների մեջ։ Մր. Լիսկն ինձ հավատացնում էր, որ ինքը շատ անգամ տեսել է ամբողջ վտառներ (ձկների խումբ) իրենց ուժեղ ոսկրյա ծնոտներով կորալային ճյուղերի գագաթներին արածելիս։ Ես բաց արի մի քանիսի աղիքը և գտա նրանց լցված՝ դեղնավուն կրային-ավազային տղմով։ Տղմոտ, զզվանք առաջացնող հոլոթուրիան (Holuthuritie — մոտիկ մեր ծովաստղին), որին անչափ մոլի են չինացի որկրամոլները, նույնպես մեծ չափով սնվում է կորալներով, ինչպես ինձ տեղեկացնում է դր. Ալլանը, և նրանց մարմնի ոսկրային ապարատը, թվում է թե, լավ է հարմարեցված այս տեսակի սննդի համար։ Այս հոլոթուրիաները, ձկները, բազմաթիվ որջաբնակ խեցիները և ծովահարս որդերը, որոնք ծակում են մեռած կորալի յուրաքանչյուր կտոր, անկասկած պետք է որ շատ զորավոր գործոններ լինեն այն սպիտակ մանր տիղմը առաջացնելու գործում, որն ընկած է լագունի հատակին և եզրերին։ Սակայն պրոֆեսոր Էրենբերգը գտել է, որ այդ տղմի մի մասը, որը խոնավ վիճակում բոլորովին նման է մանրած կավճի, մասամբ կազմված է սիլիցիումային վահանով օժտված ինֆուզորիաներից։

Ապրիլի 12.— Առավոտյան դուրս եկանք լագունից և ուղևորվեցինք Իլ դե Ֆրանս։ Ուրախ եմ, որ այցելեցինք այս կղզիները. այսպիսի ֆորմացիաներն անպայման բարձր են դասվում աշխարհի զարմանալի առարկաների մեջ։ Օվկիանոսի խորությունը չափելիս ափից միայն 2200 յարդ (2080 մետր) հեռավորության վրա, կապիտան Ֆից Ռոյը թողեց 7200 ոտնաչափ երկարության խորաչափը, բայց հատակ չգտավ. սրանից էլ պետք է եզրակացնել, որ այս կղզին կազմում է մի չափազանց բարձր ստորջրյա լեռ, որի կողերն ավելի դիք են, քան ամենագահավեժ հրաբխի կոնի կողերը։ Գոգավոր սկավառակի ձևի փոս ընկած գագաթը (լագունը) ունի մոտ տասը մղոն լայնություն, և ապառի այս մեծ կույտում յուրաքանչյուր առանձին ատոմ[204] ամենափոքր մասնիկից մինչև ամենամեծ բեկորը, որը սակայն բազմաթիվ այլ լագունային կղզիների հետ համեմատած փոքր է, կրում է օրգանական դասավորման ենթակա լինելու կնիքը։ Զարմանում ենք, երբ ճանապարհորդները պատմում են պիրամիդների և այլ մեծ ավերակների վիթխարի ծավալների մասին, բայց ո՜րչափ աննշան են սրանցից ամենամեծերը, երբ համեմատվում են այս ապառաժե լեռների հետ, որոնք կուտակված են զանազան մանր և նուրբ կենդանիներից։ Այս մի հրաշք է, որն սկզբում չի ապշեցնում մարմնի աչքը, այլ, խորհրդածելուց հետո, ապշեցնում է մտքի աչքը։

Այժմ ես տալու եմ մի շատ համառոտ տեղեկագիր կորալային ռիֆերի երեք մեծ դասերի, այն է՝ ատոլների, բարիերների և առափնյա ռիֆերի մասին, և բացատրելու եմ իմ տեսակետները[205] նրանց կազմվելու վերաբերյալ։ Գրեթե յուրաքանչյուր ճանապարհորդ, որն անցել է Խաղաղ օվկիանոսը, արտահայտել է իր անսահման զարմանքը լագունային կղզիների կամ, ինչպես ես ապագայում անվանելու եմ նրանց հնդկական անունով, ատոլների մասին, և փորձել է տալ մի բացատրություն։ Մինչև անգամ դեռ 1605 թվին Պիրար-դը-Լավալը բացագանչում է. „C’est une merveille de voir chacun de ces atollons, environné d’un grand banc de pierre tout autour, n’y ayant point d’artifice humain”[206] Մի սոսկ ուրվագիծ կարող է տալ միայն շատ աղոտ գաղափար ատոլի եզակի տեսքի մասին. նա չափազանց փոքր ծավալ ունի և, միացնելով իր նեղ կղզյակները, օղակ է կազմել։ Չի կարելի առանց տեսնելու պատկերացնել օվկիանոսի անհունությունը, կոհակների ուժգնությունը, ցամաքի ցածրությանը ե լագունի վառ-կանաչ ջրի ողորկությանը հակադրված։

thumb

Հին ճանապարհորդները ենթադրում էին, որ կորալ կառուցող կենդանիները բնազդաբար կառուցում են իրենց մեծ օղակները, որպեսզի պաշտպանություն գտնեն ներքին մասերում. բայց այս շատ է հեռու ճշմարտությունից. որովհետև այն մասսիվ տեսակները, որոնք աճում են արտաքին ափերին և որոնցից կախված է ռիֆի անմիջական գոյությունը, չեն կարող ապրել լագունի ներսում (որտեղ լավ աճում են այլ քնքույշ ճյուղավորվող տեսակներ)։ Դեռ ավելին, ըստ այս տեսակետի՝ որոշ ցեղերի և ընտանիքների տեսակներ, ենթադրվում է, որ միանում են մի ընդհանուր նպատակի համար, իսկ այսպիսի կոմբինացիայի ոչ մի օրինակ չի կարելի գտնել ամբողջ բնության մեջ։ Այն տեսությունը, որն ընդունված է ընդհանուր առմամբ, այն է, որ ատոլները հիմնված են ստորջրյա կրատերների (խառնարան) վրա, բայց երբ նկատի ենք ունենում այս վերջիններից մի քանիսի ձևը և ծավալը, թիվը, մոտիկությունը, և մյուսների հարաբերական դիրքը, այս տեսակետն ընդունելի լինել չի կարող. այսպես, Սուագիվայի ատոլը մի կողմով ունի քառասունչորս աշխարհագրական մղոն տրամագիծ և մի այլ կողմով՝ երեսունչորս. Ռիմսկու ատոլը՝ հիսունչորս և քսան, և ունի մի տարօրինակ մանվածոտ եզր. Բոուի ատոլը երեսուն մղոն երկարություն ունի և միջին հաշվով միայն վեց մղոն լայնություն. Մենշիկովի ատոլը բաղկացած է երեք ատոլներից՝ իրար միացած կամ կապված։ Այս տեսությունն ավելի ևս անկիրառելի է Հնդկական օվկիանոսի հյուսիսային մալդիվիական ատոլների համար (որոնցից մեկն ունի ութսունութ մղոն երկարություն և տասից-քսան մղոն լայնություն), որովհետև վերջիններս սովորական ատոլների նման շրջապատված չեն նեղ ռիֆերով, այլ՝ անհաշիվ անջատ փոքրիկ ատոլներով. ուրիշ փոքր ատոլներ բարձրանում են կենտրոնական լագունանման մեծ տարածություններից։ Մի երրորդ և ավելի լավ տեսություն առաջադրել է Շամիսոն, որը կարծում էր, թե որովհետև կորալներն ավելի եռանդուն աճում են բաց ծովում, ինչպես այդ անկասկած այդպես է, ընդհանուր հիմքից ավելի շուտ կաճեին արտաքին եզրերը, քան որևէ այլ մաս, և օղակի կամ բաժակի ձևի կառուցումը պետք է վերագրել այս հանգամանքին։ Բայց մենք շատով կտեսնենք, որ այս, ինչպես և կրատերային թեորիայում մի շատ կարևոր նկատառում անտեսված է, այն է, թե ինչի՞ վրա են հիմնել իրենց մասսիվ կառուցվածքներն այդ ռիֆ կառուցող կորալները, որոնք չեն կարող ապրել մեծ խորության վրա։

Կապիտան Ֆից Ռոյը բազմաթիվ խորաչափումներ կատարեց Կիլինգ ատոլի արտաքին գահավեժ կողի վրա, և պարզվեց, որ հինգ գրկաչափ խորության վրա խորաչափի արճճի հատակին պատրաստած ճարպը միշտ դուրս էր գալիս կենդանի կորալների նշաններով միասին, բայց այնքան կատարյալ մաքուր, որ, կարծեք թե, այն գցված էր դալար կանաչի կարպետի վրա. որքան խորությունը մեծանում էր, հետքերն այնքան ավելի սակավանում էին, բայց ավազի կպչող հատիկներն ավելի ու ավելի շատանում էին, մինչև վերջապես պարզ եղավ, որ հատակը կազմված է ավազի հարթ շերտից. կանաչածածկ դաշտերի անալոգիայով կանաչի շեղջերը հետզհետե նոսրացան, մինչև որ հողը դարձավ այնպես անբերրի, որ նրա վրա ոչինչ ծլել չէր կարող։ Այս դիտողություններից ելնելով, որոնք հաստատված են բազմաթիվ այլ դիտողություններով, կարելի է ապահով կերպով հետևցնել, որ ամենամեծ խորությունը, որի վրա կորալները կարող են ռիֆեր կառուցել, գտնվում է քսան և երեսուն գրկաչափ խորությունների միջև։ Այժմ Խաղաղ և Հնդկական օվկիանոսներում կան ընդարձակ տարածություններ, որտեղ յուրաքանչյուր կղզի կորալային կազմություն ունի և բարձրացած է միայն մինչև այն բարձրություն, որի վրա ալիքները կարող են նետել բեկորներ և քամիները՝ դիզել ավազ։ Այսպես, ատոլների Ռադակի խումբն անկանոն քառանկյունի է, 520 մղոն երկարությամբ և 240 մղոն լայնությամբ, Ցածրադիր արշիպելագն էլիպտիկ ձև ունի՝ երկար առանցքը չլինելով 840 մղոն, իսկ կարճը 420. կան այլ փոքր խմբեր և առանձին ցածր կղզիներ այս երկու արշիպելագների միջև, որոնք բոլորը միասին կազմում են օվկիանոսի մի նեղ ու երկար տարածություն, որը 4000 մղոնից երկար է, և որտեղ ոչ մի կղզու բարձրություն վերևում սահմանված բարձրությունից չի անցնում։ Այնուհետև, Հնդկական օվկիանոսում կա օվկիանոսի մի տարածություն՝ 1500 մղոն երկարությամբ, որը ներառում է երեք արշիպելագ, որտեղ բոլոր կղզիները ցածր են և ունեն կորալային կաոուցվածք։ Ելնելով այն փաստից, որ ռիֆ կազմող կորաքները չեն ապրում մեծ խորության վրա, ապա պարզ և որոշակի կարելի է ասել, որ այս ամբողջ ընդարձակ տարածությունների վրա, որտեղ որ այժմ կա մի ատոլ, պետք է նախապես գոյություն ունեցած լինի մի հիմք՝ մակերեսից քսանից-երեսուն գրկաչափ խորությամբ։ Վերին աստիճանի անհավանական է լայն, բարձր, առանձնացած, գահավեժ կողերով, խմբերով և շարքերով հարյուրավոր փարսախ երկարությամբ դասավորված, նստեցված շերտերով սեդիմենտային թմբերի գոյացումը Խաղաղ և Հնդկական օվկիանոսների կենտրոնական և ամենախորը մասերում, որոնք որևէ մայր ցամաքից անչափ հեռավորության վրա են գտնվում, և որտեղ ջուրը կատարյալ վճիտ է։ Հավասարապես անհավանական է, որ բարձրացնող ուռերն այդ անսահման տարածության վրա բարձրացնեին ժայռոտ անհաշիվ թմբեր՝ մինչև ծովի մակերեսից քսանից-երեսուն գրկաչափ կամ 120-ից-180 ոտնաչափ խորության վրա, որովհետև կարո՞ղ ենք ամբողջ երկրագնդի մակերեսին գտնել մի լեռնաշղթա, մինչև անգամ մի քանի հարյուր մղոն երկարությամբ, որի բազմաթիվ գագաթները լինեն այնպիսի բարձրության, որ իրարից տարբերվեն միայն մի քանի ոտնաչափով և ոչ մի գագաթ ավելի բարձր չլինի։ Եթե, ուրեմն, այն հիմքերը, որտեղից դուրս եկան ատոլ կազմող կորալները, չեն կազմվել սեդիմենտներից, և եթե նրանք չեն բարձրացել օվկիանոսի խորությունից վեր մինչև պահանջված մակարդակը, ապա անհրաժեշտաբար պետք է որ նրանք (այդ հիմքերը) իջնեին ներքև, և այս առաջարկը լուծում է ամբողջ կնճռոտ խնդիրը։ Որովհետև ինչպես որ լեռ լեռան հետևից և կղզի կղզու հետևից հետզհետե սուզվում էին ջրի տակ, ապա հաջորդաբար պետք է որ հիմքեր առաջանային կորալների աճման համար։[207] Այստեղ հնարավոր չէ բոլոր անհրաժեշտ մանրամասնությունների մեջ մտնել, բայց ես այնուամենայնիվ թույլ եմ տալիս ինձ կասկած հայտնելու, թե կարող է մի ուրիշը այլ կերպ բացատրել, թե ինչպես կարող է պատահել, որ բազմաթիվ կղզիներ ցրվեն ամենուրեք անհուն տարածությունների վրա, որտեղ բոլոր կղզիներն էլ լինեն միևնույն ձևով ցածր, բոլորն էլ կառուցված կորալներից, որոնք բացարձակապես պահանջում են մի հիմք՝ մակերեսից որոշ սահմանված խորության վրա։

Նախքան բացատրելը, թե ինչպես են ատոլ կազմող ռիֆերն ստանում իրենց յուրահատուկ կառուցվածքը, դառնանք երկրորդ դասին, այն է՝ բարիեր ռիֆերին։ Արանք տարածված են լինում կամ ուղիղ գծերով որևէ մայր ցամաքի ափերի կամ մի մեծ կղզու դիմաց, կամ շրջապատում են փոքր կղզիները. երկու, դեպքում էլ սրանք բաժանված են լինում ցամաքից մի լայն և խորը ջրային կանալով, նման ատոլի ներսում գտնվող լագունի։ Զարմանալի է, թե որչափ քիչ ուշադրություն են դարձրել օղակող բարիեր-ռիֆերին, բայց նրանք իսկապես հրաշալի կառուցվածքներ են։ Օրինակ, Խաղաղ օվկիանոսում Բոլաբոլա կղզին շրջապատող բարիերում, որը երևում է կենտրոնական մի գագաթից, ռիֆի ամբողջ գիծը փոխարկվել է ցամաքի, բայց սովորաբար մեծ ալիքների ձյան չափ սպիտակ մի գիծ, որը երբեմն հատվում է այս ու այն կողմ գտնվող առանձին ցածր կղզյակներով՝ կոկոսյան ընկույզի ծառերով ծածկված, օվկիանոսի հառաչող ջրերը, բաժանում է լագուն-կանալի բաց կանաչ տարածությունից։ Եվ այս կանալի խաղաղ ջրերը սովորաբար լվանում են ցածր ալուվիումային հողի մի շերտ, բեռնավորված տրոպիկների ամենագեղեցիկ պրոդուկցիաներով, որն ընկած է վայրագ, գահավեժ կենտրոնական լեռների ստորոտին։

thumb

Շրջապատող բարիերային միֆերը լինում են ամեն մեծության, երեքից մինչև ոչ պակաս քան քառասունչորս մղոն տրամագծով, և մեկը, որը եզերում է Նոր Կալեդոնիայի մի կողմը և շրջապատում երկու ծայրերն էլ, 400 մղոն երկարություն ունի։ Յուրաքանչյուր ռիֆ ներփակում է տարբեր բարձրության մեկ-երկու կամ մի քանի ժայռոտ կղզի, և մի դեպքում մինչև անգամ տասներկու աոանձին կղզիներ։ Ռիֆը ներփակված ցամաքից լինում է ավելի կամ պակաս հեռավորության վրա. Ընկերության արշիպելագում այդ հեռավորությունը սովորաբար մեկից մինչև երեք կամ չորս մղոն է, բայց Հոգոլեու ռիֆը ներփակված ցամաքից հեռու է քսան մղոն հարավային կողմում և տասնչորս՝ հակառակ կամ հյուսիսային կողմում։ Լագունային կանալում խորությունը նույնպես շատ տարբեր է. որպես միջին՝ կարելի է ընդունել տասից-երեսուն գրկաչափ, բայց Վանիկորոյում կան տարածություններ, որոնք ունեն ոչ պակաս քան հիսունվեց գրկաչափ կամ 336 ոտնաչափ խորություն։ Ներքին կողմից ռիֆը կամ մեղմ թեքությամբ իջնում է լագունային կանալի մեջ, կամ վերջանում ուղղաձիգ պատի ձևով, երբեմն ջրի տակ ունենալով երկուսից-երեք հարյուր ոտնաչափ բարձրություն. արտաքին կողմից ռիֆն, ատոլի նման, բարձրանում է ծայր աստիճան դիք՝ օվկիանոսի խորը խորխորատներից. ի՞նչը կարող է լինել ավելի եզակի, քան այս կառուցվածքները։ Մենք տեսնում ենք մի կղզի, որը կարելի է համեմատել մի դղյակի հետ՝ մի բարձր ստորջրյա լեռան կատարին զետեղված, կորայային ապառաժի մեծ պատով պաշտպանված, միշտ դիք արտաքնապես և երբեմն էլ ներքնապես, լայն հարթ գագաթով, այստեղ և այնտեղ բացված նեղ դարպասներով, որոնց միջից ամենամեծ նավերը կարող են մտնել շրջապատված լայն խրամը։

Որպես իսկական կորալային ռիֆեր, բարիերի և ատոլի միջև ամենափոքրիկ տարբերություն անգամ չկա ոչ ընդհանուր ծավալում, ոչ ուրվագծում, ոչ խմբավորման մեջ և ոչ էլ կառուցվածքի ամենաչնչին մանրամասնության մեջ։ Աշխարհագրագետ Բալրին լավ է նկատել, որ շրջափակված կղզին մի ատոլ է, որի լագունի միջից բարձրանում է բարձր ցամաք. հեռացրո՛ւ նրա միջից ցամաքը, և կմնա մի կատարյալ ատոլ։

Բայց ի՞նչն է ստիպել այդ ռիֆերին իրենց ներփակված կղզիներից այդքան մեծ հեռավորության վրա գտնվելու։ Չի կարելի պատճառաբանել, թե կորալները չեն աճի ցամաքին խիստ մոտիկ, որովհետև լագունային կանալի ափերը, եթե շրջապատված չեն ալուվիալ հողով, հաճախ եզերվում են կենդանի կորալներով, և մենք շուտով կտեսնենք, որ կա մի ամբողջ դաս, որին ես անվանել եմ առափնյա ռիֆ, նկատի ունենալով նրանց սերտ կպած լինելը և՛ մայր ցամաքների, և՛ կղզիների եզրերին։ Այնուհետև, ինչի՞ վրա են հիմնել իրենց օղակող կառուցվածքն այս ռիֆ-կառուցող կորալները, որոնք չեն կարող ապրել մեծ խորության վրա։ Այս մի մեծ, ակներև դժվարություն է, նման ատոլների խնդրում եղած դժվարության, որի մասին ընդհանուր կերպով խոսվել է։ Այդ ավելի պարդ ըմբռնելի կլինի, եթե աչքի անցկացնենք հետևյալ կտրվածքները, որոնք իրական են, և ներկայացնում են հյուսիսային և հարավային գծերով՝ Վանիկորո, Գամբիե և Մաուրուա կղզիների կտրվածքներն իրենց բարիեր ռիֆերի հետ միասին, և նրանք դրված են և՛ ուղղաձիգ, և՛ հորիզոնական դիրքով, միևնույն մասշտաբով (մղոնը մեկ քառորդ մատնաչափ) արտահայտելով։

thumb

Պետք է նկատել նաև, որ այս կղզիներում կամ այլ բազմաթիվ շրջափակված կղզիներում, կտրվածքը կարելի էր վերցնել որևէ ուղղությամբ, և ընդհանուր տեսքը կլիներ նույնը։ Այժմ մտքում ունենալով այն, որ ռիֆ-կառուցող կորալները չեն կարող ապրել ավելի քան քսան կամ երեսուն գրկաչափ խորության վրա, և որ մասշտաբն այնքան փոքր է, որ աջ կողմում գտնվող տրամալարը ցույց է տալիս 200 գրկաչափ խորություն, ապա ինչի՞ վրա են հիմնված այս բարիեր-ռիֆերը։ Արդյոք պե՞տք է ենթադրենք, որ յուրաքանչյուր կղզի շրջապատված է օձիքաձև ընդծովյա վիմուտքով կամ ժայռագոտիով, կամ սեդիմենտի մեծ թմբով, որը գահավեժ վերջանում է այնտեղ, որտեղ վերջանում է ռիֆը։ Եթե ծովն առաջուց խորը մաշելով մտել է ցամաքի մեջ, նախքան նրանց պաշտպանվելը ռիֆերով, թողնելով այսպիսով մի ծանծաղ վիմուտք ջրի տակ՝ նրանց շրջապատում, ապա ներկայիս ափերն անփոփոխ շրջապատված կլինեին մեծ անդունդներով, բայց այդ հազիվ թե այդպես լիներ։ Բացի այդ, այդ տեսությունն ամենևին չի բացատրում, թե ինչո՛ւ պետք է կորալները պատի նման վեր թռչեին, վիմուտքի ամենադրսի եզրից, հաճախ թողնելով ներսում ջրի մի լայն տարածություն, որտեղ չափազանց խոր լինելու պատճառով կորալներ աճել չեն կարող։ Այս կղզիների ամբողջ շրջապատով սեդիմենտի լայն թմբի կուտակումը, որը սովորաբար ամենից լայն է լինում այնտեղ, որտեղ ներփակված կղզիներն ամենից փոքր են, խիստ անհավանական է, երբ նկատի ենք ունենում նրանց բացված դիրքն օվկիանոսի կենտրոնական ամենախորը մասերում։ Ինչ վերաբերում է Նոր Կալեդոնիայի բարիեր-ռիֆին, որը տարածվում է կղզու հյուսիսային կետից հարյուր հիսուն մղոն այն կողմ, միևնույն ուղիղ գծով, որով նա նայում է արևմտյան ափին, հազիվ թե հնարավոր լինի հավատալ, որ սեդիմենտի թումբը կարող էր ուղիղ գծով նստած լինել մի բարձր կղզու դիմաց և բավականին հեռու, նրա վերջավորությունից այն կողմ, բաց ծովում։ Վերջապես եթե նայենք միևնույն բարձրության և նույնօրինակ երկրաբանական կառուցվածքի, բայց կորալային ռիֆերով չշրջապատված օվկիանոսային այլ կղզիների, ապա ոչ մի տեղ չենք գտնի այնպիսի չնչին շրջապատող խորություն, որը լինի երեսուն գրկաչափ, բացառությամբ անմիջական ափերի խորության, որովհետև սովորաբար այն ցամաքը, որը գահավեժ բարձրանում է ջրից դուրս, անկախ այն բանից, թե շրջապատված է ռիֆի օղակով թե ոչ, գահավեժ սուզվում է ջրի տակ։ Ես նորից եմ կրկնում, ուրեմն, ինչի՞ վրա են հիմնված այս բարիեր-ռիֆերը։ Ինչո՞ւ նրանք իրենց լայն և խորը խրամանման կանալներով այդքան հեռու են կանգնած ներփակված ցամաքից։ Շուտով պիտի տեսնենք, թե որչափ հեշտությամբ են անհետանալու այս դժվարությունները։

Այժմ մենք գալիս ենք երրորդ դասին, այն է՝ առափնյա ռիֆերին, որոնց մասին երկար խոսել չի պահանջվում։ Որտեղ ցամաքը գահավեժ թեքվում է ջրի տակ, այնտեղ այս ռիֆերը միայն մի քանի յարդ լայնություն ունեն, կազմելով ափերի շուրջը մի սոսկ ժապավեն կամ երիզ, որտեղ ցամաքը փոքր թեքությամբ է իջնում ջրի տակ, ռիֆը տարածվում է ավելի հեռու, երբեմն ցամաքից մինչև մի մղոն հեռու, բայց այս դեպքերում խորաչափերը ռիֆից դուրս միշտ ցույց են տալիս, որ ցամաքը ջրի տակ փոքր թեքություն ունի։ Փաստորեն ռիֆերը տարածվում են միայն ցամաքից մինչև այն հեռավորությունը, որտեղ որևէ հիմք 20-ից-30 գրկաչափից ավելի խորը չէ։ Այսպիսով չկա մի էական տարբերություն նրա և բարիեր կամ ատոլ կազմող ռիֆի միջև, սակայն նա սովորաբար նվազ լայնության է լինում, հետևաբար և նրա վրա ավելի փոքր թվով կղզյակներ են գոյացել։ Շնորհիվ այն բանի, որ կորալներն ավելի եռանդուն աճում են դրսի կողմում, և որ դեպի ներս նստող սեդիմենտները նրանց համար վատառողջ ազդեցություն ունեն, ուստի ռիֆի համեմատաբար դրսի ծայրն ամենաբարձր մասն է լինում, և նրա ու ցամաքի միջև սովորաբար կա մի ծանծաղ ավազուտ կանալ՝ մի քանի ոտնաչափ խորությամբ, տեղ որ սեդիմենտի թմբերը կուտակվել են մակերեսին մոտիկ, ինչպես Վեստ Ինդիայի որոշ մասերում,այնտեղ նրանք երբեմն եզերվում են կորալներով, ուստի և որոշ կողմերով նման են լագունային կղզիների կամ ատոլների, այնպես, ինչպես առափնյա ռիֆերը, որոնք շրջապատում են փոքր թեքություն ունեցող կղզիները, որոշ չափով նման են բարիեր-ռիֆերին։

Կորալային ռիֆերի կազմվելու վերաբերյալ ոչ մի տեսություն չի կարելի համարել բավարար, եթե նկատի չեն առնվում երեք մեծ դասերը։ Մենք տեսանք, որ մենք ստիպված ենք ընդունելու այն ընդարձակ տարածության իջեցումը, որոնց վրա ցրված են ցածր կղզիները, որոնցից ոչ մեկն այնքան բարձր չէ, որ քամին և ալիքները չկարողանան նրանց վրա նյութեր նետել, և որ նրանք կառուցված են կենդանիներից, որոնք պահանջում են հիմք, և որ այդ հիմքը պետք է լինի ոչ մեծ խորության վրա։ Վերցնենք մի կղզի, որը շրջապատված է առափնյա ռիֆերով, որոնք կառուցվածքի բացատրության տեսակետից դժվարություն չեն հարուցում, և թող այս կղզին իր ռիֆով, որը գծանկարում ցույց է տրված անընդհատ գծով, դանդաղորեն սուզվի։ Այժմ, երբ կղզին սուզվում է ներքև՝ լինի այդ միանգամից մի քանի ոտնաչափ, թե այնքան դանդաղ, որ բոլորովին անըմբռնելի է, միևնույնն է, մենք կորալների աճման համար նպաստավոր մեզ հայտնի պայմաններից կարող ենք հետևցնել, որ կենդանի զանգվածները, որոնք թրջվում են կոհակներից՝ ռիֆի եզրին, շուտով նորից կբարձրանան մակերեսը։ Սակայն ջուրը հետզհետե կալեկոծի ափը, կղզին ավելի կցածրանա ու կփոքրանա, և ռիֆի ներքին շրթի ու ծովափի միջև եղած տարածությունը համեմատաբար կլայնանա։ Ռիֆի մի հատվածը և կղզին այս վիճակում, մի քանի հարյուր ոտնաչափ սուզվելուց հետո, ներկայացված է կետավոր գծերով (ենթադրում ենք, որ կորալային կղզյակները կազմվել են ռիֆի վրա, և լագունի կանալում խարիսխ է գցել մի նավ)։ Այս կանալն ավելի կամ պակաս չափով խորը պիտի լինի, նայած սուզման չափին, նրա մեջ կուտակված սեդիմենտի քանակին և նուրբ ճյուղերով կորալների աճմանը, որոնք ապրում են այնտեղ։ Կտրվածքն այս վիճակում , ամեն կողմով կհիշեցնի այն կղզու առաջացումը և դիրքը, որը շրջափակված է օղակաձև առաջավոր ռիֆով. և իսկապես, այդ մի իրական կարվածք է (մասշտաբը 0,388 մատնաչափ՝ մեկ մղոնի փոխարեն) Խաղաղ օվկիանոսում, Բոլաբոլա կղզու։ Այժմ միանգամից կարող ենք տեսնել, թե ինչո՛ւ շրջափակող բարիեր ռիֆերն այնքան հեռու են կանգնած այն ափերից, որոնց դիմացը գտնվում են իրենք։ Մենք տեսնում ենք նաև, որ եթե նոր ռիֆի արտաքին ծայրից մի ուղղահայաց գիծ տարվի ներքև դեպի պինդ ապառի հիմքը, որի վրա կառուցված է սկզբնական առափնյա ռիֆը, ապա ստացվում է մի ուղղաձիգ գիծ, որը նույնքան ոտնաչափով կգերազանցի այն աննշան խորությունից, որի վրա կարող են ապրել գործարար կորալները, որքան ոտնաչափով որ իջեցումն է տեղի ունեցել. այդ փոքրիկ ճարտարապետները ցամաքի ընկղմվելու հետ հավասարապես կառուցել են իրենց մասսիվ պատն այնպիսի մի բազայի վրա, որ կազմված է այլ կորալներից և նրանց ամրացած բեկորներից։ Այսպիսով այս գլխի դժվարությունը, որն այնքան մեծ է երևում, վերանում է։

thumb

Եթե մի կղզու փոխարեն վերցնեինք մի մայր ցամաքի ծովափը՝ ռիֆերով եզերված, և պատկերացնեինք, որ նա իջած է, արդյունքն ակներևաբար կլիներ մի մեծ ուղիղ բարիեր՝ նման Ավստրալիայի կամ Նոր Կալեդոնիայի բարիերի՝ ցամաքից մի լայն և խորը նեղուցով բաժանված։

Վերցնենք մեր նոր շրջափակող բարիեր-ռիֆը, որի կտրվածքն այժմ ներկայացված է հարթ գծերով, և որը, ինչպես ասել եմ, իրական կտրվածք է Բոլարոլա կղզու միջով։ Ընդունենք, որ այդ կտրվածքն իջնում է։ Երբ բարիեր ռիֆը դանդաղորեն սուզվում է, կորալները կշարունակեն եռանդուն աճել դեպի վեր, բայց որովհետև կղզին սուզվում է, ջուրը մատնաչափ առ մատնաչափ կնվաճի ափը — մի մեծ ռիֆում անջատ լեռներ նախ կկազմեն առանձին կղզիներ, և վերջապես կանհետանա վերջին և ամենաբարձր գագաթը։ Այն պահին, երբ տեղի է ունենում այս, կազմվում է մի կատարյալ ատոլ։ Ես ասել եմ, որ եթե հեռացնենք շրջափակող բարիեր-ռիֆի ներսի բարձր ցամաքը, կմնա ատոլ, և ցամաքը հեռացված կլինի։ Այժմ մենք կարող ենք հասկանալ, թե ի՛նչպես է լինում, որ ատոլները, բարձրանալով շրջափակող բարիեր ռիֆերի միջից, նմանվում են նրանց իրենց ընդհանուր ծավալով, ձևով, իրար մոտ խմբավորվելու և առանձին կամ կրկնակի գծերով դասավորվելու եղանակով, որովհետև նրանց կարելի է անվանել կոշտ ուրվագծով սուզված կղզիների քարտեզներ, որոնց վրա կանգնած են իրենք։ Հետագայում կտեսնենք, թե ինչու Խաղաղ և Հնդկական օվկիանոսներում ատոլները գլխավոր ուրվագծերով ձգվում են զուգահեռ բարձր կղզիների և այս օվկիանոսների մեծ ծովափերի նկատմամբ։ Այսպիսով ես հիմք ունեմ հաստատելու, որ իմ տեսությունը կորալները դեպի վեր աճելու մասին,[208] որ տեղի է ունեցել ցամաքը ջրի տակ իջնելու ժամանակամիջոցում, բացատրում է կաոուցվածքի բոլոր գլխավոր գծերն այդ զարմանալի ատոլների, որ երկար ժամանակ գրգռել են ծովային ճանապարհորդների ուշադրությունը, ինչպես և կառուցվածքը ոչ նվազ զարմանալի բարիեր ռիֆերի, լինեն դրանք փոքր կղզիներ շրջապատողներ, լինեն հարյուրավոր մղոններով մայր ցամաքի ափերով տարածվողներ։

thumb

Ինձ կարող են հարցնել, թե արդյոք ես կարող եմ ներկայացնել որևէ ազդակի ապացույց բարիեր-ռիֆերի կամ ատոլների իջեցման վերաբերյալ, բայց պետք է նկատի ունենալ, թե որչափ դժվար պետք է լինի շարժում հայտնաբերելը, որի հետևանքով ցամաքի իջնող մասը թաքնվում է ջրի տակ։ Սակայն Կիլինգ ատոլում լագունի բոլոր կողմերում ես նկատեցի ծերացած կոկոսյան ընկույզի ծառեր, որոնց տակը դատարկված էր և ընկնում էին, և մի տեղում՝ հիմքի սյուները մի հյուղակի, որն ըստ տեղացիների հայտարարությունների՝ յոթը տարի առաջ կանգնած է եղել մակընթացության սահմանից վերև, այժմ ամեն օր հեղեղվում էր յուրաքանչյուր մակընթացությունից. հարցուփորձ անելիս պարզվեց, որ վերջին տասը տարվա ընթացքում այստեղ երեք երկրաշարժ է զգացվել, որոնցից մեկը եղել է ուժեղ։ Վանիկորոյում լագունային կանալը նշանակալի չախով խորն է, հազիվ թե որևէ ալուվիալ հող կուտակված լինի ներփակված բարձր լեռների ստորոտին, և զգալիորեն փոքր թվով կղզյակներ են կազմվել պատանման բարիեր-ռիֆերի վրա կիտված բեկորներից և ավազից. այս և նման մի քանի այլ փաստեր ինձ այն եզրակացության են բերել, որ այս կղզին վերջերս պետք է իջած լինի, և ռիֆն՝ աճած դեպի վեր. այստեղ նույնպես հաճախ պատահում են երկրաշարժեր, այն էլ շատ ուժգին։ Մյուս կողմից՝ Ընկերության արշիպելագում, որտեղ լագունային կանալները գրեթե փակված են, որտեղ կուտակված է շատ ցածը ալուվիտլ ցամաք, և որտեղ որոշ դեպքերում կազմվել են երկար կղզյակներ բարիեր-ռիֆերի վրա,— փաստեր, որոնք ցույց են տալիս, որ կղզիները չեն իջել շատ ուշ ժամանակներում,— զգացվում են միայն շատ հազվադեպ թույլ ցնցումներ։ Այս կորալային ֆորմացիաներում, որտեղ ցամաքը և ջուրը կարծեք թե պայքարի մեջ են մտել տիրապետության համար, պետք է որ միշտ դժվար լինի որոշել մակընթացության և տեղատվության և դանդաղ իջեցման առաջացրած փոփոխության էֆեկտների տարբերությունը. որ այս ռիֆերից և ատոլներից շատերը ենթակա են որոշ փոփոխության — այդ ճիշտ է։ Մի քանի ատոլների վրա կղզյակները, թվում է թե, թվով աճել են մի վերջին պերիոդի ընթացքում. այլ ատոլների վրա նրանք մասամբ կամ ամբողջովին քշվել տարվել են։ Մալդիվա արշիպելագի մի քանի մասերի բնակիչները գիտեն մի քանի կղզյակների առաջացման տարեթիվը, այլ մասերում կորալները բարգավաճում են ջրով հեղեղվող այնպիսի ռիֆերի վրա, որտեղ գերեզմանների համար վարված փոսերը վկայում են հին ժամանակներում բնակելի ցամաքի գոյության մասին։ Դժվար է հավատալ, որ բաց օվկիանոսի մակընթացության և տեղատվության հոսանքներում հաճախակի փոփոխություններ են տեղի ունենում. մինչդեռ ըստ բնիկների պատմածի՝ մի քանի ատոլների վրա երկրաշարժների և այլ ատոլների վրա նկատված մեծ հերձվածքների հետքերում կան պարզ ապացույցներ փոփոխությունն երի և խանգարումների, որոնք պրոգրեսի մեջ են ստորերկրյա գոտիներում։

Մեր տեսությունից հետևում է, որ միայն առափնյա ռիֆերի, այն է՝ ափերին խիստ մոտիկ ռիֆերի առկայությունը, ցույց է տալիս, որ այդ ափերը նկատելի չափով իջած լինել չեն կարող, ուստի և նրանք իրենց կորալների աճումից հետո կամ պետք է կայուն մնացած լինեն կամ վեր բարձրացած։ Այժմ զարմանալի է, թե ինչպես ընդհանուր կերպով կարելի է վեր բարձրացած օրգանական մնացորդների առկայության վրա հիմնվելով ցույց տալ առափնյա ռիֆերով եզրապատված կղզիների վեր բարձրանալու փաստը, և այս որոշ չափով անուղղակի ապացույց է հօգուտ մեր տեսության։ Այս փաստն ինձ առանձնապես ուշագրավ էր, երբ, ի զարմանս, ես գտա, որ մ մ. Կոայի և Գեմարի տված նկարագրությունները կիրառելի էին ոչ թե ընդհանրապես ռիֆերին, ինչպես ակնարկում էին նրանք, այլ միայն առափնյա ռիֆերի դասին. սակայն իմ զարմանքը դադարեց, երբ հետագայում ևս գտա, որ տարօրինակ դիպվածով բոլոր այն կղզիները, որ այցելել էին այս նշանավոր բնագետները, համաձայն նրանց անձնական հայտարարությունների, պետք է բարձրացած լինեն երկրաբանական վերջին էպոխայի ընթացքում։

Նստեցման տեսությամբ ոչ միայն կարելի է բացատրել բարիեր-ռիֆերի և ատոլների կառուցվածքի հոյակապ ձևը և նրանց նմանությունը մեկի մյուսին՝ ձևով, ծավալով և այլ հատկանիշներով, մի տեսություն, որը մենք անկախ կերպով ստիպված ենք ընդունել հարցին ենթակա անմիջական շրջանակներում, կորալների համար պահանջվող խորության վերաբերյալ հիմք գտնելու անհրաժեշտությունից դրդված,— այլ կարելի է այսպիսով պարզ կերպով բացատրել նաև բազմաթիվ մանրամասնություններ՝ նրանց կառուցվածքի, ինչպես և բացառություն կազմող դեպքերի վերաբերյալ։ Ես տալու եմ միայն մի քանի օրինակներ, Բարիեր–ռիֆերում, վաղուց զարմանալիորեն նկատված է, որ ռիֆերի միջով անցնող անցքերը գտնվում են ներփակված ցամաքի հովիտների ճիշտ դիմացը, մինչև անգամ այն դեպքերում՝ երբ ռիֆը ցամաքից բաժանված է լագուլնային կանալով, որը այնքան լայն է և ավելի խորը, քան ինքը իրական անցքը, որ հազիվ թե հնարավոր լինի ընդունել, որ ներքև բերված չնչին քանակությամբ ջուրը կամ սեդիմենտը կարող է վնասել ռիֆի վրայի կորալներին։ Այժմ եզերող դասի յուրաքանչյուր ռիֆ ամենափոքր առվակի դիմաց խզվում է մի նեղ անցքով, մինչև անգամ եթե տարվա մեծ մասում չոր է, որովհետև տիղմը, ավազը կամ մանրախիճը, որ երբեմն հեղեղվում են ներքև, սպանում են այն կորալները, որոնց վրա նստում են։ Հետևաբար, երբ այս ձևով եզերված կղզին իջնում է, ապա թեև նեղ անցքերի մեծ մասը հավանորեն փակվում է դեպի դուրս և դեպի վեր աճող կորալներից, սակայն եթե կան չփակվող անցքեր և մի քանիսը պետք է որ միշտ բաց մնան սեդիմենտի և անմաքուր ջրի միջոցով, որը հոսում է լագունային նեղուցից դուրս, ապա դրանք կլինեն այն անցքերը, որոնք գտնվում են այն հովիտների բարձր մասերի դիմաց, որոնց բերանին ճեղքվել է սկզբնական բազային առափնյա ռիֆը։

Մենք հեշտությամբ տեսնում ենք, թե ինչպես մի կղզի, որը միայն մի կողմով ճակատ է կազմել բարիեր-ռիֆով, կամ մի կողմով մեկ կամ երկու ծայրերը շրջափակվել են այդ նույն ռիֆերով, կարող էր երկարատև իջեցումից հետո կամ փոխարկվել մի առանձին պատանման ռիֆի կամ ատոլի, որի միջից դուրս է ցցված մի մեծ ուղիղ գագաթ, կամ էլ վերջապես երկու կամ երեք ատոլների, որոնք իրար են միացած ուղիղ ռիֆերով, որոնցից բոլորի համար էլ կարող են պատահել բացառություն կազմող դեպքեր։ Որովհետև ռիֆ կառուցող կորալները սնունդ են պահանջում, և իրենք էլ որս են հանդիսանում այլ կենդանիների համար, սպանվում են ռեդիմենտից, չեն կարող կպչել թույլ հատակին և հեշտությամբ տարվում են ներքև՝ դեպի մի խորություն, որտեղից չեն կարող նորից վեր թռչել, ուստի չպետք է զարմանալ, որ և՛ ատոլների, և՛ բարիերների ռիֆերը որոշ մասերում անկատար են։ Նոր Կալեդոնիայի մեծ բարիերն այսպիսով անկատար է և շատ մասերում խորտուբորտ. այստեղից էլ երկար իջեցումից հետո այս մեծ ռիֆը չէր առաջացնի մի մեծ ատոլ չորս հարյուր մղոն երկարությամբ, այլ կառաջացներ մի շղթա կամ ատոլների արշիպելագ. գրեթե միևնույն տարածությամբ, ինչ ոք Մալդիվայի արշիպելագն է։ Բացի այդ, եթե մի ատոլ մի անգամ խզվում է հակադիր կողմերով, ապա ամենայն հավանականությամբ այդ խզվածքների միջով ուղիղ կանցնեն օվկիանոսային և՛ մակընթացության և՛ տեղատվության հոսանքներ, որի հետևանքով վերին աստիճանի անհավանական է, որ կորալները, մասնավորապես անընդհատ իջեցման ընթացքում, երբևէ ի վիճակի կլինեին ճեղքվածքի ծայրերը նորից միացնելու, իսկ եթե չէին կարող միացնել, ամբողջը դեպի ներքև սուզվելիս մի ատոլը կբաժանվեր երկու կամ ավելի ատոլների։ Մալդիվայի արշիպելագում կան առանձին ատոլներ, որոնք դիրքով այնպես են հարաբերում իրար և այնպես են բաժանված իրարից կանալներով (որոնք կամ անխորաչափելի են, կամ շատ խորը, Ռոս և Էրի ատոլների միջև գտնվող կանալի խորությունը 150 գրկաչափ է, իսկ հյուսիսային և հարավային Նիլանդուի միջև եղածը՝ 200), որ անկարելի է նրանց դիտել քարտեզի վրա՝ առանց հավատալու, որ մի ժամանակ նրանք ավելի մոտիկ հարաբերություն են ունեցել։ Եվ այս միևնույն արշիպելագում Մահլոս-Մահդու ատոլը մի երկճյուղավոր կանալով 100—132 գրկաչափ խորությամբ այնպես է բաժանված, որ հազիվ թե հնարավոր լինի ասել, թե արդյոք պետք է նրան ուղղակի երեք անջատ ատոլ անվանել, թե մի մեծ ատոլ՝ դեռ վերջնականապես չբաժանված։

Ես ավելի շատ մանրամասնությունների մեջ չեմ մտնի, բայց պետք է նշեմ, որ հյուսիսային Մալդիվայի ատոլների հետաքրքրական ստրուկտուրան (նկատի ունենալով ծովի ազատ մուտքը նրանց խորտուբորտ եզրերից) պարզ բացատրվում է՝ կորալների՝ դեպի վեր և դեպի դուրս աճելը, որոնք սկզբում հիմնվել են և՛ փոքրիկ անջատ ռիֆերի վրա իրենց լագուններում, որոնք պատահում են հասարակ ատոլներում, և՛ գծային առափնյա ռիֆի խորտուբորտ մասերի վրա, որը (ռիֆը) եզերում է սովորական ձևի յուրաքանչյուր ատոլ։ Եռ չեմ կարող մեկ էլ չանդրադառնալ այս կոմպլեքս ստրուկտուրաների եզակիության վրա, մի մեծ ավազուտ և սովորաբար գոգավոր սկավառակ բարձրանում է գահավեժ անհատակ օվկիանոսից, կենտրոնական տարածություններում փոքրիկ կետերով զարդարված և ծայրերում սիմետրիկ կերպով եզերված կորալային ապառաժի ձվաձև բասեյններով, որոնք հազիվ են հասնում ծովի մակերեսը, երբեմն ծածկված բուսականությամբ, և յուրաքանչյուրը պարունակում է վճիտ ջրի մի լիճ։

Եվս մի այլ պարզաբանում, որովհետև պատահում է. որ երկու հարևան արշիպելագներից մեկում աճում զարգանում են կորալներ, մյուսում՝ ոչ, և որովհետև վերևում թված բազմաթիվ պայմաններ պետք է որ ազդեն նրանց գոյության վրա, ապա արդյոք հավանական չէ՞ր լինի, որ փոփոխությունների ընթացքում, որոնց ենթարկվում են երկիրը, օդը և ջուրը, ռիֆ-կազմող կորալները մի որոշ կետում կամ տարածության վրա մշտնջենապես կենդանի մնային։ Եվ որովհետև համաձայն մեր տեսության տարածությունները, ներառյալ ատոլները և բարիեր-ռիֆերը, իջնում են, ապա պետք է որ մենք պատահականորեն գտնեինք ռիֆեր և՛ մեռած, և սուզված վիճակում։ Բոլոր ռիֆերում, շնորհիվ այն բանի, որ սեդիմենտները լվացվում հեռանում են լագունից կամ լագունային կանալից դեպի այն ուղղությունը, որը ենթակա է քամուն,ապա այդ կողմն ամենից քիչ է նպաստավոր կորալների երկարատև և եռանդուն աճման համար, այստեղից էլ ռիֆի մեռած մասերը հաճախ պատահում են քամու հակառակ կողմի վրա, և սրանք, թեև դեռ պահում են իրենց առանձին պատանման ձևը, բայց մի քանի դեպքերում արդեն մի քանի գրկաչափ սուզված են ջրի տակ։ Չագոսի արշիպելագը մի քանի պատճառներով, հավանորեն իջեցումը չափազանց արագ կատարվելու հետևանքով, այժմ, ինչպես երևում է, շատ ավելի քիչ է նպաստավոր ռիֆերի աճման համար, քան առաջ. ատոլի առվափնյա մասը, իննը մղոն երկարությամբ, մեռած է և սուզված, մի երկրորդի միայն մի քանի փոքր կետերն են կենդանի, որոնք բարձրանում են մակերեսին, մի երրորդ և չորրորդ ատոլ ամբողջովին մեռած և սուզված ենք մի հինգերորդը ներկայացնում է մի սոսկ ավերակ, որի կառուցվածքը գրեթե անհետանում է։ Նշանակալի է այն, որ այս բոլոր դեպքերում մեռած ռիֆերը կամ ռիֆի մասերն ընկած են գրեթե միևնույն խորության վրա, այն է՝ մակերեսից վեց կամ ութ գրկաչափ խորության վրա, կարծեք թե նրանք ներքև են տարվել միօրինակ շարժումից։ Այս «կիսախեղդ ատոլներից» մեկը, ինչպես անվանում է կապիտան Մորսբին (որին ես պարտական եմ ինձ հաղորդած անգնահատելի բազմաթիվ տեղեկությունների համար), շատ ընդարձակ ծավալ ունի, այն է՝ մի ծայրից մյուսը իննսուն ծովային մղոն, իսկ լայնքը՝ յոթանասուն, և շատ կողմերով գերազանցապես հետաքրքրական է։ Որովհետև համաձայն մեր տեսության նոր ատոլներ սովորաբար կկազմվեն իջեցման յուրաքանչյուր նոր տարածության վրա, երկու լուրջ առարկություն կարող էր առաջանալ, այն է, որ ատոլներն անսահմանորեն պետք է աճեն թվով, և երկրորդ, որ իջեցման հին տարածություններում յուրաքանչյուր անջատ ատոլ պետք է անսահմանորեն աճի հաստությամբ, եթե նրանց պատահական ոչնչացման ապացույցները մեջտեղ չգան։ Այսպիսով մենք հետևեցինք կորալային ժայռի այս մեծ օղակների պատմությանը, նրանց սկզբնական ծագումից, նորմալ փոփոխությունից և նրանց գոյության ընթացքում երբեմն առաջ եկող պատահարներից մինչև նրանց մահը և վերջնական անհետացումը։

Կորալային ֆորմացիաների մասին իմ աշխատության մեջ ես տվել եմ մի քարտեզ, որի մեջ բոլոր ատոլները ներկել եմ մութ-կապույտ գույնով, բարիեր-ռիֆերը՝ բաց-կապույտ, և առափնյա ռիֆերը՝ կարմիր։ Այս վերջին ռիֆերը կազմվել են այն ժամանակ, երբ ցամաքը կայուն է եղել, կամ, ինչպես երևում է վեր բարձրացված օրգանական մնացորդների հաճախակի առկայությունից, երբ դանդաղորեն բարձրանալիս է եղել. մյուս կողմից՝ ատոլները և բարիեր-ռիֆերն աճել են ուղղակի հակառակ շարժման ժամանակամիջոցում, այն է, իջեցման ընթացքում —- մի շարժում, որը պետք է տեղի ունեցած լինի չափազանց դանդաղ, բայց մեծ չափերով, քանի որ օվկիանոսի լայն տարածություններում ցրված ատոլները հետզհետե ծածկել են բոլոր լեռնային գագաթները։ Այժմ այս քարտեզում մենք տեսնում ենք, որ այն ռիֆերն են բաց և մուգ-կապույտ գույներով երանգավորված, որոնք առաջացել են շարժման միևնույն կարգով, որպես ընդհանուր կանոն բացահայտորեն կանգնած են իրար մոտիկ։ Մենք նորից տեսնում ենք, որ երկու կապույտ երանգներով տարածությունները շատ ընդարձակ են, և որ նրանք ընկած են կարմրաներկ ափի լայնատարած գծերից անջատ. այս երկու պարագաներն էլ բնականորեն կարելի էր հետևցնել ռիֆերի տեսության բնույթից, որը ղեկավարվելու էր երկրի շարժման բնույթով։ Ուշադրության արժանի է այն, որ ավելի քան մեկ դեպքում, որտեղ առանձին կարմիր և կապույտ շրջագծերը մոտենում են իրար, ես կարող եմ ցույց տալ, որ մակարդակի ճոճում է տեղի ունեցել, որովհետև նման դեպքերում կարմիր կամ առափնյա շրջանակները կազմված են ատոլներից, որոնք, համաձայն մեր տեսության, սկզբում կազմվել են իջեցման ժամանակ, բայց հետագայում բարձրացել են, և մյուս կողմից՝ բաց-կապույտ կամ ռիֆերով շրջափակված կղզիները կազմված են կորալային ժայռից, որը պետք է բարձրացված լինի մինչև իր այժմյան բարձրությունը նախքան այդ իջեցումը տեղի ունենալը, որի ժամանակ բարիեր-ռիֆերն աճել են դեպի վեր։

Շատ հեղինակներ զարմանքով նկատել են, որ թեև ատոլներն օվկիանոսային ընդարձակ ամբողջ տարածության վրա ամենատարածված կորալային կառուցվածքներն են, բայց որոշ ծովերում նրանք ամբողջովին բացակայում են, ինչպես, օրինակ, Վեստ Ինդիայում։ Այժմ մենք կարող ենք անմիջապես տեսնել դրա պատճառը, որովհետև այնտեղ, որտեղ իջեցում տեղի չի ունեցել, ատոլներ առաջանալ չեն կարող, և ինչ վերաբերում է Վեստ Ինդիային և Արևելյան Հնդկաստանի մի քանի մասերին, հայտնի է, որ այս տարածությունները վերջին պերիոդում բարձրանում են։ Մեծ մակերեսները գունավորված կարմիր և կապույտ, երկարավուն ձև ունեն, և երկու գույների միջև, կա հերթով հաղորդող մի աստիճան, կարծեք մեկի բարձրացումը հավասարակշռում է մյուսի իջեցումը։ Նկատի առնելով վերջին բարձրացման ապացույցները և՛ առափնյա ռիֆերով եզրապատված ափերի և՛ այն ափերի (օրինակ՝ Հարավային Ամերիկայում), որտեղ չկան ռիֆեր, գալիս ենք այն եզրակացության, որ մեծ կոնտինենտները (մայը ցամաք) մեծ մասամբ բարձրացող տարածություններ են, իսկ կորալային ռիֆերի բնույթից դատելով՝ կասենք, որ մեծ օվկիանոսների կենտրոնական մասերը սուզվող տարածություններ են։ Արևելյան Հնդկաստանի արշիպելագը, ամենախորտուբորտ ցամաքն աշխարհում, մեծ մասամբ բարձրացող տարածություն է, բայց շրջապատված և, հավանորեն, ավելի քան մեկ ուղղությամբ, կտրված է իջեցման նեղ տարածություններով։

Ես նշանակել եմ մուգ-կարմիր բծերով այս նույն քարտեզի սահմաններում գտնվող բոլոր հանրածանոթ ակտիվ հրաբուխները։ Վերին աստիճանի ուշագրավ է նրանց ամբողջովին բացակայությունն իջնող յուրաքանչյուր մեծ տարածության վրա, որը ներկված է բաց կամ մուգ-կապույա գույնով, նվազ զարմանալի չէ և հրաբխային գլխավոր շղթաների համընկնումը կարմիր գույնով ներկված մասերի հետ, որոնք, ինչպես մենք եզրակացնում ենք, կամ երկար ժամանակ մնացել են կայուն կամ ավելի հաճախ բարձրացել են վերջին ժամանակներում։ Թեև մուգ-կարմիր բծերից մի քանիսը տարածված են կապույտ գույնով ներկված առանձին օղակներից ոչ մեծ հեռավորության վրա, բայց ոչ մի ակտիվ հրաբուխ չկա որևէ արշիպելագից կամ մինչև անգամ ատոլների փոքր խմբերից մի քանի հարյուր մղոն հեռավորության վրա։ Ուստի ուշագրավ է դառնում այն փաստը, որ Բարեկամական արշիպելագում, որը բաղկացած է մի խումբ ատոլներից՝ վեր բարձրացած և այնուհետև մասամբ մաշված, երկու կամ թերևս ավելի հրաբուխներ պատմականորեն հայտնի են որպես գործող հրաբուխներ։ Մյուս կողմից՝ թեև Խաղաղ օվկիանոսում այն կղզիների մեծ մասը, որոնք շրջափակված են բարիեր-ռիֆերով, հրաբխային ծագում ունեն, և հաճախ պարզ նշմարելի են նրանց կրատերների մնացորդները, բայց որոնցից ոչ մեկը հայտնի չէ, թե երբևէ ժայթքել է։ Ուստի այսպիսի դեպքերում, թվում է թե, տվյալ վայրում հրաբուխները գործում են կամ հանգում, ըստ այդ վայրի բարձրացնող կամ իջեցնող շարժումների։ Այնուամենայնիվ կարելի էր բերել փաստեր՝ ապացուցելու, թե որտեղ որ կան գործող հրաբուխներ, այնտեղ սովորական են վեր բարձրացված օրգանական մնացորդները, բայց մինչև որ հնարավոր կլիներ ցույց տալ, որ իջնող տարածություններում հրաբուխները եղել են ոչ գործող կամ բոլորովին հրաբուխներ չեն եղել, նրանց տարածումը երկրի մակերեսի բարձրացման կամ իջեցման հետ կապելու եզրակացությունը կլիներ վտանգավոր, որչափ էլ հավանական լիներ այն։ Բայց այժմ, կարծում եմ, որ մենք կարող ենք ազատ կերպով ընդունել այս եզրակացությունը։

Մի վերջնական ակնարկ ևս գցելով քարտեզի վրա և հիշելով այն հայտարարությունները, որ արվել են վեր բարձրացված օրգանական էակների վերաբերյալ, մեծ զարմանք ենք զգում այն տարածությունների ընդարձակության նկատմամբ, որոնք ենթարկվել են մակարդակի դեպի վեր կամ ներքև կատարվող փոփոխության, երկրաբանական ոչ հեռավոր մի պերիոդում։ Նաև թվում է, թե բարձրացման և իջեցման շարժումները հետևում են գրեթե նույն օրենքներին։ Ատոլներով բռնված ամբողջ տարածություններում, որտեղ չկա լեռնային ոչ մի գագաթ՝ պետք է որ սուզումը վիթխարի չափերի հասած լինի։ Բացի այդ, անընդհատ թե պարբերական սուզումը, որի ինտերվալները բավականին երկար պետք է լինեն, որպեսզի կորալներն իրենց կենդանի ապարանքը նորից բերեն հասցնեն մակերեսին, անհրաժեշտաբար պետք է շատ դանդաղ տեղի ունեցած լինի։ Այս եզրակացությունը հավանորեն ամենակարևորն է, որն առաջանում է կորալային ֆորմացիաների ուսումնասիրությունից,— այլապես ես չեմ կարող պատկերացնել, թե ինչ ճանապարհով մենք կարող ենք հանգել նման եզրակացության։ Եվ ոչ էլ կարող եմ անտեսել բարձր կղզիներով մի նախկին ընդարձակ արշիպելագի գոյության հավանականությունը, որտեղ այժմ միայն կորալային ժայռի օղակները հազիվ խանգարում են ծովի մակարդակի միօրինակությունը։ Դրանով մասամբ հնարավոր կլիներ բացատրել այլ բարձր կղզիների կենդանի էակների բաշխումը,— կղզիներ, որոնք այժմ գտնվում են իրարից անչափ հեռու մեծ օվկիանոսների մեջտեղում։ Ռիֆ-կառուցող կորալները, հիրավի, կառուցել և պահպանել են մակարդակի ստորերկրյա ճոճումների զարմանալի հուշարձաններ. յուրաքանչյուր բարիեր-ռիֆում մենք տեսնում ենք մի ապացույց այն բանի, որ ցամաքն այդ մասում իջել է, և յուրաքանչյուր ատոլում՝ մի կոթող այժմ կորած կղզու վրա։ Այսպիսով մենք, նման այն երկրաբանին, որն ապրել է իր տասը հազար տարիները և արձանագրել է անցնող փոփոխությունները, կարող ենք որոշ չափով խորը թափանցել այն մեծ սիստեմի մեջ, որով երկրագնդի մակերեսը կոտրտվել է և ցամաքն ու ջուրը փոխանակել են իրենց տեղերը։


ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՄԱՎՐԻԿԻԱՅԻՑ ԴԻՊԻ ԱՆԳԼԻԱ

Մավրիկիա կղզին, նրա գեղանկար տեսարանը.— Լեռների կրատերաձև մեծ օղակը.— Հնդիկներ.— Սուրբ Հեղինեի կղզին.— Բուսականության փոփոխության պատմությունը.— Ցամաքային խեցիների անհետացման պատճառը.— Համբարձման կղզին.— Ներմուծված առնետների փոփոխականությունը.—Հրաբխային ռումբեր.— Ինֆուզորային շերտեր.— Բահիա.— Բրազիլիա.— Արևադարձային տեսարանների շքեղությունը.— Պեռնամբուկո.— Տարօրինակ ռիֆ.— Ստրկություն.— Վերադարձ դեպի Անգլիա.— Ամփոփում մեր ճանապարհորդության։

Ապրիլի 29.— Առավոտյան բոլորեցինք Մավրիկիայի կամ Ֆրանսիական կղզու հյուսիսային ծայրը։ Այս կետից կղզու տեսքն արդարացնում էր այն ակնկալանքները, որոնք առաջացել են նրա գեղեցիկ տեսարանների բազմաթիվ հայտնի նկարագրություններից։ Կղզու առաջամասը կազմում էր Պամպլեմուսների թեք հարթավայրն իր ցրված տներով և գունավորված բաց-կանաչ շաքարեղեգի ընդարձակ դաշտերով։ Ավելի աչքի էր ընկնում կանաչի շողշողունությունը, որովհետև այդ մի գույն է, որը սովորաբար նկատելի է դառնում միայն շատ փոքր հեռավորությունից։ Կղզու կենտրոնում այս վերին աստիճանի մշակված հարթավայրի միջից բարձրանում էին անտառածածկ լեռների խմբեր. նրանց գագաթները, ինչպես առհասարակ լինում էին հրաբխային հին ապառաժները, հերձվելով կազմել էին ամենասուր կետեր։ Սպիտակ ամպերի զանգվածները հավաքվել էին այս սրածայր գագաթների շուրջը, կարծեք թե ուզում էին հաճոյացնել օտարականի աչքը։ Ամբողջ կղզին իր թեք ափերով և կենտրոնական լեռներով պճնված էր մի կատարյալ վայելուչ կերպարանքով. տեսարանը, եթե թույլ տրվի ինձ այսպիսի արտահայտություն անել, աչքին ներդաշնակ էր երևում։

Հաջորդ օրվա մեծ մասն անցկացրի քաղաքի շրջակայքն զբոսնելով և զանազան մարդկանց այցելելով։ Քաղաքը բավականին մեծ է, և ասում են, որ ունի 20000 քնակիչ։ Փողոցները շատ մաքուր են և կանոնավոր։ Թեև կղզին շատ տարիներ է, որ անգլիական իշխանության տակ է գտնվում, բայց վայրի ընդհանուր բնույթն ամբողջովին ֆրանսիական է. անգլիացիք իրենց ծառաների հետ խոսում են ֆրանսերեն, և բոլոր խանութները ֆրանսիական են. ինձ թվում է, թե Կալեն կամ Բուլոնը շատ ավելի են անգլիականացել, քան այս վայրը։ Այստեղ կա մի շատ գեղեցիկ փոքրիկ թատրոն, որտեղ հիանալի ներկայացնում են օպերաներ։ Մենք զարմացել էինք նաև՝ տեսնելով գրավաճառի մեծ խանութներ, գրքերով ծանրաբեռնված դարակներով,— երաժշտությունն ու ընթերցանությանը ցույց են տալիս մեր մոտենալը քաղաքակրթության հին աշխարհին, որովհետև իսկապես և՛ Ավստրալիան, և՛ Ամերիկան նոր աշխարհներ են։

Փողոցից քայլող մարդկային տարբեր ցեղերը Պորտ Լուի քաղաքին չափազանց հետաքրքրական տեսք են տալիս։ Դատապարտյալները Հնդկաստանից այստեղ են աքսորվում մինչև իրենց կյանքի վերջը. ներկայումս նրանց թիվը մոտ 800 է, և նրանց օգտագործում են հանրային տարբեր գործերում։ Նախքան այս մարդկանց տեսնելը ես չգիտեի, թե Հնդկաստանի բնակիչներն այսպես ազնվատեսք կերպարանք ունեն։ Նրանց մորթին վերին աստիճանի մութ է, և ծերերից շատերն ունեին ձյան սպիտակության մեծ բեղեր և մորուքներ. այս և նրանց կրակոտ արտահայտությունը նրանց կատարյալ պատկառելի տեսք էր տվել։ Նրանց մեծ մասն աքսորվել էր մարդասպանության և ամենավատ ոճիրների համար. մյուսներն՝ այնպիսի պատճառներով, որ հազիվ թե համարվի բարոյական սխալ, օրինակ՝ սնոտիապաշտական տրամադրությունից դրդված չեն հնազանդվել անգլիական օրենքներին։ Այս մարդիկ սովորաբար հանգիստ են և լավ վարքի տեր։ Տեսնելով նրանց արտաքին վարքը, մաքրությունը, հավատարիմ կերպով հետևելն իրենց կրոնական տարօրինակ արարողություններին, անկարելի էր նրանց և Նոր Հարավային Ուելսի մեր դատապարտյալների վրա նայել միևնույն աչքով։

Մայիսի 1.— Կիրակի։ Մի հանգիստ զբոսանք կատարեցի քաղաքից հյուսիս՝ ծովափի երկայնքով։ Այս մասում հարթավայրը բոլորովին անմշակ է. նա ներկայացնում է սև լավայի մի դաշտ՝ կոշտ կանաչով և թփերով ծածկված. վերջինս մեծ մասամբ բաղկացած է միմոզաներից։ Տեսարանը կարելի է համարել իր բնույթով Գալապագոսի և Տաիտիի տեսարանների միջանկյալը, բայց այս բնորոշումը շատ քչերին կարող է այդ վայրի մասին ճիշտ պատկերացում տալ։ Այս շատ հաճելի երկիր է, բայց նա չունի ոչ Տաիտիի հմայքը և ոչ էլ Բրազիլիայի մեծաշքությունը։ Հաջորդ օրը բարձրացա Լա Պուսը, մի լեռ, որն իր անունն ստացել է բթամատանման ցցվածքից, որն անմիջապես քաղաքի հետևից բարձրանում է մինչև 2600 ոտնաչափ բարձրություն։ Կղզու կենտրոնը ներկայացնում է մի մեծ պլատֆորմ՝ շրջապատված խորտուբորտ հին բազալտային լեռներով, որոնց շերտերն իջնում են դեպի ծովը։ Կենտրոնական պլատֆորմը, որը կազմվել է համեմատաբար նոր ժամանակների լավայի հոսանքներից, օվալ (ձվաձև) ձև ունի, որի կարճ առանցքն ունի աշխարհագրական տասներեք մղոն երկարություն։ Արտաքին շրջապատող լեռներն ընկնում են կառուցվածքի այն դասի մեջ, որ կոչվում է բարձրության կրատերներ, որոնք, ենթադրվում է, թե կազմվել են ոչ սովորական կրատերների ձևով, այլ մեծ և հանկարծակի բարձրացումով։ Ինձ թվում է, թե այս տեսակետին դեմ կլինեն անհաղթելի առարկություններ. մյուս կողմից՝ հազիվ թե հավատամ այս և մի քանի այլ դեպքերում, որ այս եզրային կրատերաձև լեռները սոսկ հիմքի մնացորդներն են ահռելի հրաբուխների, որոնց գագաթները կամ խորտակվելով հեռացել են կամ կուլ գնացել ստորերկրյա անդունդներին։ Մեր բարձրացած դիրքից վայելում էինք մի սքանչելի տեսաըան կղզու վրա։ Այս մասում կղզին երևում էր լավ մշակված, բաժանված լինելով դաշտերի, որոնք զարդարված էին ագարակատներով։ Սակայն ինձ հավատացնում էին, որ ամբողջ կղզուց պրոդուկտիվ վիճակում է գտնվում դեռ ոչ ավելի քան կեսը. եթե այդ այդպես է, նկատի ունենալով նրա այժմյան շաքարի մեծ էքսպորտը, ապա այս կղզին ապագայում, երբ խիտ բնակեցված կլինի, մեծ արժեք կունենա։ Անգլիայի կողմից այդ կղզին գրավվելուց հետո, մի ժամանակաշրջան, որը միայն քսան հինգ տարի է, նրա շաքարի արտահանումն աճել է յոթանասունհինգ անգամ։ Նրա բարգավաճման մի գլխավոր խթանը ճանապարհների սքանչելի վիճակն է։ Հարևան Բուբբոն կղզում, որը մնում է ֆրանսիական իշխանության տակ, ճանապարհները գտնվում են նույն ողորմելի վիճակում, ինչպես որ այստեղ էին միայն մի քանի տարի առաջ։ Թեև ֆրանսիացի բնակիչները մեծ չափով օգտվել են իրենց կղզու աճող բարգավաճումից, սակայն անգլիական կառավարությունը հեռու է ժողովրդական շինելուց։

Մայիսի 3.— Երեկոյան կապիտան Լլոյդը՝ ընդհանուր վերատեսուչը, որը հայտնի է Պանամայի պարանոցի մասին իր հետազոտություններով, մր. Ստոքսին և ինձ հրավիրեց իր ամառանոցը, որը զետեղված է Ուիլիեմի հարթավայրի ծայրին, քաղաքից մոտ վեց մղոն հեռավորության վրա։ Այս բերկրալի տեղում մնացինք երկու օր. գտնվելով ծովից մոտ 800 ոտնաչափ բարձրության վրա, օդը զով էր և թարմ և ամեն կողմ կային բերկրալի զբոսավայրեր։ Այդ վայրին շատ մոտիկ մի տեղ, մոտ 500 ոտնաչափ խորությամբ բացվել էր մի մեծ հեղեղատ՝ փոքր թեքության լավայի հոսանքի միջից, որը պետք է հոսած լիներ կենտրոնական պլատֆորմից։

Մայիսի 5.— Կապիտան Լլոյդը մեզ տարավ Ռիվիեր Նուարի (Սև գետակ) ափերը, որը գտնվում է մի քանի մղոն դեպի հարավ, որպեսզի ես կարողանայի քննել բարձրացած կորալի մի քանի ապառներ։ Մենք անցանք հաճելի պարտեզների միջով և գեղեցիկ դաշտերով, որտեղ լավայի ահռելի կույտերի վրա աճում էր շաքարեղեգը։ Ճանապարհները եզերված էին միմոզայի ցանկատունկերով, և շատ տների մոտ կային մանգոյի[209] ծառուղիներ։ Մի քանի տեսարաններ, որտեղ սուր գագաթներով բլուրները և մշակված դաշտերը երևում էին միասին, վերին աստիճանի նկարագեղ էին, և մենք գայթակղված՝ անընդհատ բացագանչում էինք. «Որքա՜ն հաճելի կլիներ մարդու համար ամբողջ կյանքն անցկացնել այստեղ»։ Կապիտան Լլոյդն ուներ մի փիղ, և ճանապարհի կեսը փիղը մեզ հետ էր։ Մենք հեծել էինք փղին իսկական հնդիկի ձևի։ Ինձ ամենից շատ զարմացնում էր այն, որ փիղն իր քայլերն անելիս ոչ մի ձայն չէր լսվում։ Առայժմ ամբողջ կղզում այս միակ փիղն է, բայց ասում էին, որ ուրիշներն էլ են ստացվելու։

Մայիսի 9.— Դուրս եկանք Պորտ Լուի քաղաքից և, հանդիպելով Բարեհուսո հրվանդանին, հուլիսի 8-ին ժամանեցինք Սուրբ Հեղինեի կղզին։ Այս կղզին, որի նզովյալ տեսքը շատ հաճախ է նկարագրվել, հանկարծակի բարձրանում է, ահռելի սև դղյակի նման, օվկիանոսի միջից։ Քաղաքի մոտ փոքրիկ բերդերը և թնդանոթները լցնում են այդ խորտուբորտ ժայռի վրայի բացվածքները, կարծեք թե լրացնում են բնության պաշտպանությունը։ Քաղաքը երկարաձգված է մի նեղ և հարթ հովտում, տներն ունեն կարգին տեսք, որոնց միջև ցրված են սակավաթիվ կանաչ ծառեր։ Խարսխակայանին մոտենալիս մեր առջև բացվեց մի ուշագրավ տեսարան. մի անկանոն դղյակ թառել էր մի բարձր բլրի կատարին և շրջապատված էր եղևնու մի քանի ցրված ծառերով, որոնք տարածվել էին երկնքի դիմաց։

Հաջորդ օրը ես ձեռք բերի մի օթևան, որը Նապոլեոնի դամբարանի[210] մոտն է գտնվում, այդ տեղից քցած քարը կարող էր հասնել դամբարանին։ Այդ մի հիմնական կենտրոնական տեղ էր, որտեղից ես կարող էի էքսկուրսիաներ կատարել բոլոր ուղղություններով։ Այն չորս օրվա ընթացքում, որ ես մնացի այստեղ, թափառում էի կղզու վրա առավոտից մինչև երեկո և ուսումնասիրում նրա երկրաբանական պատմությունը։ Իմ օթևանները զետեղված էին մոտ 2000 ոտնաչափ բարձրության վրա. այստեղ եղանակը ցուրտ էր և փոթորկոտ՝ անձրևի անընդհատ տեղատարափով, և ժամանակ առ ժամանակ ամբողջ տեսարանը քողարկվում էր թանձր ամպերով։

Ափի մոտ խորտուբորտ լավան բոլորովին մերկ է. կենտրոնական և բարձր մասերում ֆելդշպատային ապառներն իրենց քայքայումից առաջացրել են կավային հող, որը, որտեղ որ չի ծածկված բուսականությամբ, գունավորված է բազմաթիվ պայծառ գույների մեծ երիզներով։ Այս սեզոնին ցամաքը խոնավանալով անընդհատ տեղումներից՝ առաջացնում է եզակիորեն վառ-կանաչ արոտ, որը հետզհետե, որքան իջնում ենք ներքև, թառամում և խամրում է և վերջապես անհետանում։ Այսպիսի լայնության (16°) տակ և չնչին (1500 ոտոնաչափ) բարձրության վրա զարմանալի է դիտել մի բուսականություն, որն ունի վճռականորեն անգլիական խարակտեր։ Բլուրները պսակված են շոտլանդական եղևնու անկանոն տունկերով, իսկ թեքվող թմբերի վրա խիտ տարածված են գենիստայի (Genista) թփուտներ՝ պայծառ դեղնավուն ծաղիկներով ծածկված։ Արտասվող ուռենիները տարածված են առվակների եզրերին, իսկ ցանկատունկերը պատրաստել են մորենուց, որը տալիս է բոլորին հայտնի իր պտուղը։ Երբ մենք նկատի ենք ունենում, որ այժմ կղզու վրա գտնվող բույսերի թիվը 746 է, և սրանցից միայն հիսուներկուսն են բնիկ տեսակներ, իսկ մնացածները ներմուծված բույսեր են, որոնց մեծ մասն Անգլիայից, ապա մեզ պարզ կլինի բուսականության անգլիական խարակտերը։ Այս անգլիական բույսերի մեծ մասն ավելի լավ են զարգանում այստեղ, քան իրենց մայրենի երկրում. մի քանիսը, որոնք բերված են Ավստրալիայից, նույնպես աճում են հիանալի լավ։ Ներմուծված բազմաթիվ տեսակները պետք է որ ոչնչացրած լինեն տեղական մի քանի տեսակների, և միայն ամենաբարձր և ամենաթեք բլրագոտիներն են, որոնց վրա տիրապետում է բնիկ ֆլորան։

Տեսարանի անգլիական կամ, ավելի ճիշտ, վալիսյան խարակտերն այստեղ զգալիորեն ուժեղանում է բազմաթիվ խրճիթներով և փոքրիկ սպիտակ տներով, մի քանիսն ամենախորը հովիտների հատակին թաղված և մի քանիսն էլ բարձր բլուրների կատարներին թառած։ Տեսարաններից մի քանիսն ուշագրավ են, ինչպես, օրինակ, երբ դիտում ենք սըր Ու. Դվտտոնի տան մոտից, որտեղ մի ցցված կատար, որ կոչվում է Լոտ, երեում է եղևնիների մութ անտառի վերևից, ամբողջի հետևում գտնվում են հեղեղներից մաշված հարավային ափի կարմիր լեռները։ Դիտելով կղզին մի բարձունքից, առաջին հանգամանքը, որ գրավում է մարդու ուշադրությունը, այդ ճանապարհների և բերդերի թիվն է, այն աշխատանքը, որ ծախսվել է հանրային գործերի համար, եթե նկատի չունենանք, որ այդ կղզին ծառայում է որպես աքսորավայր, բոլորովին չի համապատասխանում ո՛չ կղզու ծավալին և ո՛չ էլ արժեքին։ Այնքան փոքր է կղզու հարթ կամ օգտակար մակերեսը, որ մարդ զարմանում է, թե ի՛նչպես են կարողանում այդքան մարդիկ, մոտ 5000, ապրել այնտեղ։ Ցածր խավերը կամ ազատագրված ստրուկները կարծում են, որ ծայր աստիճան աղքատ են. նրանք տրտնջում են անգործությունից։ Ամենայն հավանականությամբ աղքատությունն էլ ավելի կմեծանա՝ շնորհիվ քաղաքացիական ծառայողների թվի կրճատման, որովհետև Արևելյան Հնդկաստանի ընկերությունը այդ կղզուց ձեռք է քաշել, որի հետևանքով հարուստների մեծ մասն այդտեղից կգաղթի։ Բանվոր դասակարգի գլխավոր սնունդը կազմում են բրինձը՝ քիչ աղած մսի հետ միասին. որովհետև այս նյութերից ոչ մեկը կղզու պրոդուկտները չեն, այլ պետք է գնել փողով, ուստի ցածր աշխատավարձերը դառն են խոսում աղքատ բնակչության մասին։ Այժմ, երբ բնակչությունն օժտված է ազատությամբ, մի իրավունք, որ, իմ կարծիքով, նրանք գնահատում են լրիվ չափով, հավանորեն նրանը թիվն արագ կմեծանա. եթե այդ այդպես է, հապա ի՞նչ է լինելու Սուրբ Հեղինեի փոքրիկ պետության վիճակը։

Իմ ուղեկցողը մի ծեր մարդ էր, որն իր մանկությունից այծարած էր եղել և ծանոթ էր ապառաժների յուրաքանչյուր կետին։ Նա բազմաթիվ ցեղերի խառնուրդ էր և, թեև մուգ մորթով, նա չուներ խառնածնի անդուրեկան արտահայտությունը։ Նա շատ քաղաքավարի, հանգիստ բնավորության տեր մարդ էր, և այդպես է ցածր խավերի մեծ մասի նկարագիրը։ Իմ ականջների համար տարօրինակ էր լսել գրեթե սպիտակած և պատշաճ հագնված մի մարդու՝ այդքան անտարբեր կերպով իր ստրկական ժամանակների մասին խոսելիս։ Իժ ընկերոջ հետ ամեն օր երկար զբոսանքներ էր անում, նա իր հետ վերցնում էր մեր ուտելիքը և մի կոտոշ ջուր, որը շատ անհրաժեշտ է, որովհետև ներքևում՝ հովտում ջուրն աղի է։

Վերին և կենտրոնական կանաչ շրջանի տակ վայրի հովիտները կատարյալ ամայի են և դատարկ։ Այստեղ երկրաբանի համար կային վերին աստիճանի հետաքրքրական տեսարաններ, որոնք ցույց էին տալիս հաջորդական փոփոխություններ և բարդ խանգարումներ։ Ըստ իմ տեսակետին Սուրբ Հեղինեն որպես կղզի գոյություն է ունեցել շատ հեռավոր մի էպոխայից սկսած. սակայն ցամաքի բարձրացման վերաբերյալի դեռ մնում են մի քանի աղոտ ապացույցներ։ Ես ենթադրում եմ, որ կենտրոնական և ամենաբարձր կատարները՜ կազմում են մի մեծ կրատերի եզրի մասերը, որի հարավային կեսն ամբողջովին հեռացրել են ծովի ալիքները. բացի այդ, կա սև բազալտային ապառների մի արտաքին պատ, նման Մավրիկիայի ափերի լեռներին, որոնք ավելի հին են, քան կենտրոնական հրաբխային հոսանքները։ Կղզու բարձր մասերում պատահում է հողի մեջ թաղված զգալի թվով մի խեցի, որը երկար ժամանակ է, որ համարվում է ծովային տեսակ։ Կան ապացույցներ, որ սա մի Cochlogena է կամ մի չափազանց յուրահատուկ ձևի ցամաքային խեցի.[211] նրա հետ ես գտա վեց այլ տեսակ, և մի այլ կետում՝ մի ութերորդ տեսակ։ Նշանակալի է այն, որ այժմ սրանցից ոչ մեկը հայտնի չէ որպես ապրող տեսակ։ Նրանց անհետացման պատճառը հավանորեն եղել է անտառների ամբողջովին ոչնչացումը, հետևաբար և սննդի և ապաստարանի կորուստը, որը տեղի է ունեցել անցյալ դարի առաջին մասում։

Չափազանց հետաքրքրական է այն փոփոխությունների պատմությունը, որոնց ենթարկվել են Լոնգվուդ և Դեդվուդի բարձրացած հարթավայրերը, ինչպես այդ տեսնում ենք այս կղզու մասին գեներալ Բեթսոնի զեկուցագրում։ Ասում են, որ երկու հարթավայրերն էլ հին ժամանակներում ծածկված են եղել անտառներով, և այդ պատճառով անվանվել են Մեծ Անտառներ։ Դեռ 1716 թվին կային շատ ծառեր, բայց 1724 թվին հին ծառերը մեծ մասամբ տապալված էին, և որովհետև այծերն ու խոզերն ազատ թափառում էին այնտեղ, բոլոր փոքր ծառերը ոչնչանում էին։ Պաշտոնական արձանագրություններից երևում է, որ անսպասելիորեն մի քանի տարի հետո ծառերին փոխարինում է կոշտ խոտը, որը տարածվում է ամբողջ կղզու մակերեսին։[212] Գեներալ Բեթսոնն ավելացնում է, որ այժմ այս հարթավայրը «ծածկված է ընտիր մարգով և դարձել է կղզու արոտատեղի ամենաընտիր կտորը»։ Մակերեսի այն տարածությունը, որ հին ժամանակ հավանորեն ծածկված է եղել անտառով, հաշվվում է ոչ պակաս քան երկու հազար ակր.[213] ներկայումս հազիվ թե այնտեղ գտնվի մի ծառ։ Ասում են նաև, որ 1700 թվին Սենդիի ծոցում մեծ քանակությամբ չորացած ծառեր կային, այս վայրն այժմ ամբողջովին այնպես անապատ է, որ եթե այդպիսի արժանահավատ մի վկայություն չլիներ, ոչ մի բան չէր կարող հավատացնել ինձ, թե երբևէ այնտեղ ծառ աճել է։ Թվում է թե ապացուցված փաստ է, որ խոզերը և այծերը ոչնչացրել են բոլոր երիտասարդ ծառերը՝ ցատկելով վեր, և որ ժամանակի ընթացքում ծեր ծառերը, որոնք ապահով էին նրանց հարձակումից, տապալվել են տարիքից։ Այծերն այստեղ ներմուծվել են 1502 թվին. ութսունվեց տարի հետո, Կեվենդիշի ժամանակ, նրանք շատ էին բազմացել։ Ավելի քան մի դար հետո, 1731 թվին, երբ չարիքը լրիվ էր և անդարմանելի, մի հրաման է տրվում, որ բոլոր թափառող կենդանիները պետք է ոչնչացվեն։ Այսպիսով շատ հետաքրքրական է գտնել, որ նոր կենդանիների մուտքը Սուրբ Հեղինեի կղզին 1501 թվին՝ չփոխեց կղզու ամբողջ տեսքը մինչև երկու հարյուր քսան տարի անցնելը, որովհետև այծերն այնտեղ ներմուծվել են 1502 թվին, իսկ 1724 թվին ասված է, որ «ծերացած ծառերը մեծ մասամբ տապալվել էին»։ Քիչ կասկած կարող է լինել, որ բուսականության այս մեծ փոփոխությունը ոչ միայն ազդել է ցամաքային խեցիների վրա, պատճառելով ութ տեսակի անհետացումը, այլ նաև ազդել է բազմաթիվ միջատների վրա։

Սուրբ Հեղինեի կղզին գտնվելով այնքան հեռու որևէ մայր ցամաքից, մեծ օվկիանnuի մեջտեղում և ունենալով եզակի ֆլորա, գրգռում է մեր հետաքրքրությունը։ Ցամաքային ութ խեցիները, թեև այժմ անհետացած, և այժմ ապրող Succinea — հանդիսանում են յուրահատուկ տեսակներ և ուրիշ ոչ մի տեղ չեն գտնվում։ Մր. Կըմինդը, սակայն, ինձ տեղեկացնում է, որ անգլիական մի խխունջ (Helix) տարածված է այստեղ, անկասկած նրա ձվերն այստեղ են եկել ներմուծված բազմաթիվ բույսերից մի քանիսի հետ։ Մր. Կըմինդն ափից հավաքել է տասնվեց տեսակ ծովախեցի, որոնցից յոթը, որքան ինձ հայտնի է, սահմանափակված է այս կղզում։ Թռչունները և միջատները,[214] ինչպես կարելի էր սպասել, թվով շատ քիչ են. իրավամբ ես կարծում եմ, որ բոլոր թռչուններն այստեղ ներմուծվել են վերջին տարիներում։ Կաքավները և փասյանները բավականին առատ են. կղզին այնքան անգլիականացել է, որ չի կարող չենթարկվել որսի խիստ կանոններին։ Ես լսել եմ այդ կանոններից բխող մի ավելի անարդարացի զոհողության մասին, քան երբևէ լսած կլինեմ մինչև անգամ Անգլիայում։ Աղքատ ժողովուրդն առաջ որպես վառելիք գործածելիս է եղել մի բույս, որն աճում է ծովափի ժայռերի վրա, որի մոխրից էլ ստանում էին սոդա. բայց դուրս է գալիս մի բացարձակ հրաման, որով արգելվում է այս բույսը վառելը, պատճառաբանելով, թե կաքավները բուն շինելու տեղ չեն ունենա։

Իմ զբոսանքների ժամանակ ես ավելի քան մի անգամ անցա խոր հովիտներով շրջապատված այն կանաչ հարթավայրը, որի վրա գտնվում է Լոնդվուդը։ Մի փոքր հեռավորությունից դիտելիս նա նման է մի մեծարելի ջենտլմենի ամառանոցի։ Դիմացը կան մի քանի մշակված դաշտեր, իսկ հետևում գտնվում է գունավոր ժայռերի ողորկ բլուրը, որը կոչվում է Ֆլագշտոկ, և Բառնի խորտուբորտ քառակուսի սև զանգվածը։ Ընդհանուր առմամբ տեսարանն ավելի քան դժգույն էր և անհետաքրքրական։ Միակ անհարմարությունը, որից ես տառապում էի քայլելու ժամանակ, ուժեղ քամիներն էին։ Միլ օր ես նկատեցի մի հետաքրքրական հանգամանք. կանգնելով մի հարթավայրի ծայրին, որը վերջանում էր մոտ հազար ոտնաչափ խորությամբ մի գահավանդով, ես տեսա հեռվում քամու ուղղությունից մի քանի յարդ աջ մի քանի ծովային ծիծեռնակ, որոնք պայքարում էին մի ուժեղ քամու դեմ, մինչ իմ կանգնած տեղում օդը կատարյալ խաղաղ էր։ Ընդհուպ մոտենալով եզրին, որտեղ թվում էր թե հոսանքը շեղվում էր դեպի վեր գահավանդի երեսից, տարածեցի ձեռքս դեպի առաջ և անմիջապես զգացի քամու ամբողջ ուժը — մի անտեսանելի պատնեշ, երկու յարդ լայնությամբ, բաժանում էր բոլորովին խաղաղ օդը ուժեղ փոթորկից։

Ես այնպես էի վայելում իմ էքսկուրսիաները Սուրբ Հեղինեի լեռների և ապառաժների մեջ, որ ես կատարյալ տխրել էի, երբ ամսի 14-ին իջա քաղաք։ Կեսօրից առաջ արդեն նավումն էի, և «Բիգլ»-ը ճանապարհ ընկավ։

Հուլիսի 19-ին հասանք համբարձման կղզին։ Նրանք, ովքեր տեսել են չոր կլիմայի տակ զետեղված հրաբխային կղզի, անմիջապես կկարողանան պատկերացնել Համբարձման կղզու տեսքը։ Նրանք կպատկերացնեն կոնաձև, ողորկ բլուրներ՝ բաց-կարմիր գույնի, սովորաբար հատված գագաթներով, որոնք բարձրանում են անջատված սև, խորտուբորտ լավայի հարթ մակերեսից։ Կղզու կենտրոնում մի գլխավոր բարձունք կարծեք թե հայրն է մյուս համեմատաբար փոքր կոների։ Նա կոչվում է Կանաչ բլուր. նրա անունը վերցված է այդ գույնի ամենաաղոտ երանգից, որը տարվա այս ժամանակին պարզ երևում է խարսխակայանից։ Ամայի տեսարանը լրացնելու համար ափի սև ապառաժները ծեծվում են մի վայրի և աղմկարար ծովից։

Սետլմենտը գտնվում է ծովափին. նա բաղկացած է մի քանի տներից և բարակներից, անկանոն ձևով շարված, բայց լավ կառուցված սպիտակ որձաքարից։ Միակ բնակիչները ծովայիններն են և մի քանի նեգրեր՝ ստրկությունից ազատագրված, որոնց վճարում և ուտելիք է հայթայթում կառավարությունը։ Ոչ մի կողնակի մարդ չկա կղզում։ Երևում էր, որ ծովայիններից շատերը գոհ էին իրենց կացությունից. նրանք կարծում են, որ ավելի լավ է քսանմեկ տարի ափին ծառայել, ինչպես էլ ուզում է լինի այդ, քան նավում ծառայել. եթե ես ծովային լինեի, ամենայն սրտով կհամաձայնեի այս նախընտրությանը։

Հաջորդ առավոտը բարձրացա Կանաչ բլուրը, որն ունի 2840 ոտնաչափ բարձրություն, և այնտեղից քայլեցի կղզու միջով մինչև քամու կողմի գագաթը։ Սայլի մի լավ ճանապարհ անցնում է ափի սետլմենտից դեպի տները, պարտեզները և դաշտերը, որոնք գտնվում են կենտրոնական լեռան կատարին մոտիկ։ Ճանապարհի կողքին կան մղոնաքարեր, ինչպես և ցիստեռններ, որտեղ յուրաքանչյուր ծարավ անցորդ կարող է մաքուր ջուր խմել։ Նման հոգատարության ցուցաբերված է հիմնարկության յուրաքանչյուր մասում և մասնավորապես աղբյուրների կարգավորման գործում, այնպես որ չի կարող կորչել և ոչ մի կաթիլ ջուր. իսկապես ամբողջ կղզին կարելի է համեմատել մի մեծ նավի հետ, որը պահվում է առաջնակարգ վիճակում։ Հիանալով այն աշխույժ հարատև աշխատանքով, որն այդքան անշնորհակալ միջոցների օգտագործումով այդպիսի էֆեկտներ էր ստեղծել, միաժամանակ չէի կարող չափսոսալ, որ այդ ուժը վատնվել էր այդքան խղճուկ և չնչին նպատակի համար։

Այս ափի մոտ ոչինչ չի կարող աճել, ավելի ներս՝ երբեմն կարելի է հանդիպել կանաչ դյանագերչակի և սակավաթիվ մորեխների՝ անապատի հավատարիմ բարեկամների։ Կենտրոնական բարձրադիր գոտում գետնին ցրված կա քիչ կանաչ խոտ, և այդ ամբողջությամբ վերցրած՝ նման է Ուելսի լեռների ամենավատ մասերին։ Որչափ էլ աղքատ երևա արոտը, բայց և այնպես այնտեղ լավ պահվում է մոտ վեց հարյուր ոչխար, բազմաթիվ այծեր, մի քանի կով և ձի։ Տեղական կենդանիներից վխտում են մեծ թվով ցամաքային, խեչափառներ և առնետներ։ Առնետների իսկապես տեղական լինելու վրա կարելի է կասկածել. երկու փոփոխակ կա, ինչպես նկարագրել է մր. Ուոթըրհաուզը. մեկն ունի սև գույն, ընտիր թավշափայլ մորթով, և ապրում է կանաչոտ գագաթին, մյուսը թուխ գույնի է և նվազ փայլուն, նա ունի երկար մազեր և ապրում է ափին, սետլմենտին մոտիկ։ Այս երկու փոփոխակներն էլ ավելի փոքր են, քան սովորական սև առնետը (M. rattus), և նրանք տարբերվում են նրանից և՛ գույնով, և՛ մորթու բնույթով։ Բայց ուրիշ էական կողմերով չեն տարբերվում։ Հազիվ թե կասկածեմ) որ այս առնետները (հասարակ մկան նման, որը վայրենացել է) ներմուծված չլինեն, և ինչպես Գալապագոսի կղզիներում, այստեղ ևս նոր պայմանների ազդեցությամբ, որոնց նրանք ենթարկվել են, փոփոխվել են, այստեղից էլ առաջանում է գագաթի և ծովափի փոփոխակների միջև եղած տարբերությունը։ Չկա և ոչ մի տեղական թռչուն, բայց գվինեական հավը, որ ներմուծված է Կանաչ Հրվանդանի կղզիներից, բավականին առատ է, հասարակ հավը նույնպես վայրենացել է։ Մի քանի կատուներ, որոնք սկզբում ոչնչացնում էին առնետներին և մկներին, այնքան են աճել, որ մի մեծ չարիք են դարձել։ Կղզին ամբողջովին զուրկ է ծառերից. այդ պատճառով, ինչպես և յուրաքանչյուր այլ կողմով, նա շատ ետ է մնում Սուրբ Հեղինեի կղզուց։

Իմ էքսկուրսիաներից մեկի ժամանակ ես գնացի մինչև կղզու հարավ-արևմտյան վերջավորությունը։ Օրը պայծառ էր և շոգ, և ես տեսնում էի, որ կղզին չի ժպտում գեղեցկությամբ, այլ նա դուրս է ցցվել իր մերկ, ատելի տեսքով։ Լավային հոսանքները ծածկված են բլրակներով և այնքան խորտուբորտ են, որ երկրաբանական տեսակետից հեշտ չէ բացատրել. Ընդմիջվող տարածությունները ծածկված են պեմզայի մոխրի և հրաբխային տուֆի շերտերով։ Անցնելով կղզու այս ծայրի ծովափով՝ ես չէի կարողանում պատկերացնել, թե ի՛նչ սպիտակ կտորներ էին, որ երևում էին, որոնցով պիսակավորված էր ամբողջ հարթավայրը. այժմ ես գտա, որ սրանք ծովահավեր են, այնքան ինքնավստահ քնած, որ մինչև անգամ կեսօրին մեկը կարող էր քայլելով մոտենալ և բռնել նրանց։ Այս թռչունները միակ կենդանի արարածներն էին, որ ես տեսա ամբողջ օրը։ Ծովեզրին, թեև փչում էր թեթև զեփյուռ, մի մեծ կոհակ գլորվելով գալիս էր լավայի խորտուբորտ ժայռերի վրայով։

Այս կղզու երկրաբանությունը շատ կողմերով հետաքրքրական է։ Մի քանի տեղ ես նկատեցի հրաբխային ռումբեր, այսինքն՝ լավայի զանգվածներ, որոնք արձակվել են օդի մեջ հեղուկ վիճակում, հետևաբար և ստացել են գնդի կամ տանձի ձև։ Ոչ միայն արտաքին տեսքով, այլ որոշ դեպքերում նաև նրանց ներքին կառուցվածքը շատ հետաքրքրական ձևով ցույց է տալիս, որ նրանք պտտվել են իրենց օդային ճանապարհորդության ընթացքում։ Կենտրոնական մասը կոշտ բջջային է. այդ բջիջները դեպի դուրս գնալով փոքրանում են ծավալով. արտաքին կողմում կա կոմպակտ քարից խեցանման մի պատյան մոտ մեկ երրորդ մատնաչափ հաստությամբ, որի վրա նորից տարածվում է մանր բջջային լավայի արտաքին կեղևը։ Կարծում եմ քիչ կասկած կարող է լինել, որ, առաջին, արտաքին կեղևն արագ սառել է այն վիճակում, ինչ վիճակում մենք տեսնում ենք այժմ, երկրորդ, որ ներսի դեռ չսառած լավան փակվել է կենտրոնախույս, ուժից, որն առաջանում է ռումբի պտտվելուց՝ ընդդեմ արտաքին սառած կեղևի, և այսպիսով առաջացել է քարե պինդ ռումբը. և, վերջապես, որ կենտրոնախույս ուժը, փոքրացնելով ճնշման ուժը ռումբի ավելի կենտրոնական մասերում, թույլ է տվել, որ տաքացած գոլորշիներն ընդարձակեն իրենց բջիջները՝ այսպիսով կազմելով կենտրոնի կոշտ բջջային մասսան։

Մի բլուր, ավելի հին սերիայի հրաբխային ապառներից կազմված, որը սխալ կերպով նկատվել է որպես մի հրաբխի կրատեր, նշանակալի է, իր լայն, մի փոքր խոռոչավոր գագաթով՝ մոխրի և խարամի բազմաթիվ հաջորդական շերտերով լցված։ Այս սկահակալի ձևի գոգավոր շերտերը երևում են մակերեսին, եզրի վրա, կազմելով բազմաթիվ տարբեր գույների կատարյալ օղակներ, գագաթին տալով մի վերին աստիճանի ֆանտաստիկ տեսք։ Այս օղակներից մեկն սպիտակ է և լայն և նմանվում է այնպիսի մի կլոր շրջանի, որով քշում են ձիերին՝ վարժեցնելու համար. այս պատճառով էլ բլուրը կոչվել է Սատանայի ձիամարզարան։ Վարդագույն տուֆային շերտերից ես վերցրի մի քանի նմուշ, և վերին աստիճանի տարօրինակ փաստ է այն, որ պրոֆեսոր Էրենբերգը[215] գտնում է, որ այս գրեթե ամբողջ մասսան կազմված է օրգանիզմներ պարունակող նյութերից. նա հայտնաբերել է նրանց մեջ սիլիցիումային վահանով անուշ ջրի մի քանի ինֆուզորիա և ոչ պակաս քան քսանհինգ տարբեր տեսակի սիլիցիումային հյուսվածքի բույսեր, գլխավորապես խոտեր։ Բոլոր տեսակի ածխածնային նյութերի բացակայության պատճառով՝ պրոֆեսոր Էրենբերգը կարծում է, որ այս օրգանական մարմիններն անցել են հրաբխային կրակի միջից, և ժայթքել են այն վիճակում, որում մենք այժմ տեսնում ենք նրանց։ Շերտերի արտաքին տեսքն ինձ այն համոզման բերեց, որ նրանք, նստել են ջրի տակ, թեև կլիմայի ծայրահեղ չորությունն ստիպեց ինձ ենթադրելու, որ հավանորեն մի մեծ ժայթքման ժամանակամիջոցում թափվել են անձրևի հեղեղներ, և որ այսպիսով կազմվել է ժամանակավոր մի լիճ, որի մեջ թափվել են մոխիրները։ բայց այժմ կարելի է ենթադրել, որ լիճը ժամանակավոր չի եղել։ Ամեն պարագայում կարող ենք վստահ լինել, որ մի հին էպոխայում Համբարձման կղզու կլիման և պրոդուկցիաները շատ են տարբերվել այժմ եղածից։ Կարելի՞ է գտնել երկրագնդի մակերեսի մի կետ, որի խորն ուսումնասիրությունը չհայտնաբերի նշաններն այն անվերջ փոփոխության ցիկլի, որին երկիրը ենթարկվել է և ենթարկվելու է։

Թողնելով Համբարձման֊ կղզին՝ նավարկեցինք դեպի Բահիա, Բրազիլիայի ափը, որպեսզի լրացրած լինեինք աշխարհի քրոնոմետրական չափումները։ Մենք ժամանեցինք այնտեղ օգոստոսի 1-ին և մնացինք չորս օր, որի ընթացքում ես կատարեցի մի քանի երկար զբոսանքներ։ Ես ուրախ էի, որ իմ վայելչանքս տրոպիկական տեսարաններում ամենափոքր չափով անգամ չէր նվազել նորությունների նվազեցման պատճառով։ Տեսարանի տարերքն այնքան պարզ են, որ արժանի են հիշատակության՝ ցույց տալու համար, թե ինչպիսի չնչին մոմենտներից է կախված բնական գեղեցկությունը։

Այստեղ երկիրը կարելի է նկարագրել որպես հարթ հարթավայր, մոտ երեք հարյուր ոտնաչափ բարձրությամբ, որ բոլոր մասերում նա մաշվելով վերածվել է հարթ հատակով հովիտների։ Այսպիսի ստրուկտուրան բացառիկ է գրանիտային երկրում, բայց գրեթե համատարած է բոլոր այն փափուկ ֆորմացիաներում, որոնցից սովորաբար կազմված են հարթավայրերը։ Ամբողջ մակերեսը ծածկված է զանազան տեսակի վեհաշուք ծառերով, որոնց միջև ցրված են մշակված գետնի տարածություններ, և բարձրանում են տներ, վանքեր և եկեղեցիներ։ Պետք է հիշել, որ արևադարձային երկրներում բնության վայրի փարթամությունը չի կորչում մինչև անգամ մեծ քաղաքների մերձակայքում, որովհետև ցանկատունկերի և բլրակողերի բնական բուսականությունը գեղանկար արտահայտությամբ տիրապետում է մարդու արհեստական աշխատանքի վրա։ Ուստի սակավաթիվ են այն վայրերը, որտեղ բաց-կարմիր հողը ուժեղ կոնտրաստ ներկայացնի համատարած կանաչ ծածկոցի հետ։ Հարթավայրի ծայրերից բացվում են երբեմն օվկիանոսի և երբեմն ցածր անտառներով ծածկված ափերի հետ միասին մեծ ծոցի հեռավոր տեսաբաններ, ծոցի վրա բազմաթիվ նավակներ և մակույկներ ցույց են տալիս իրենց սպիտակ առագաստները։ Բացառությամբ այս կետերի, տեսարանը ամեն կողմից խիստ սահմանափակ է. հետևելով հարթ շավիղներին՝ երկու կողմի վրա էլ գտնվող խճճված ծառերի միջից կարելի է ներքևում անտառածածկ հովիտներից նշմարանքներ ստանալ միայն։ Կարող եմ ավելացնել, որ տները և մասնավորապես սրբավայրեր ներկայացնող շենքերը կառուցված են յուրահատուկ և ֆանտաստիկ ճարտարապետական ոճով։ Նրանք բոլորն էլ սպիտակեցված են, այնպես որ երբ լուսավորվում են կեսօրվա պայծառ արևով և երևում են հորիզոնի կապույտ երկնքի դիմաց, ավելի շատ նմանվում են ստվերների, քան իրական շենքերի։

Այսպես են տեսա բանի տարերքը, բայց անհուսալի փորձ կլիներ ընդհանուր էֆեկտը նկարելը։ Ուսյալ բնագետները նկարագրում են արևադարձային այս տեսարանները թվելով բազմաթիվ առարկաներ և հիշատւսկելով յուրաքանչյուրի մի քանի հատկանշական գծերը։ Հմուտ ճանապարհորդին, հավանորեն այս կհաղորդի որոշակի գաղափարներ, բայց ուրիշ ո՞վ կարող է հերբարիումում եղած բույսը տեսնելով՝ պատկերացնել այդ բույսն իր բնական, մայրենի հողում աճելիս։ Ո՞վ կարող է ջերմոցի ընտրված բույսերը տեսնելով՝ մեծացնել մի քանիսը մինչև անտառային ծառերի ծավալը և մյուսները խռնել մի խճճված ջունգլիում։ Քննելով միջատաբանի կաբինետում էկզոտիկ (օտար երկրի) զվարթ, պայծառ թիթեռները և տարօրինակ Cicidas-ները (ճպուռ), ո՞վ կարող է այս անկենդան առարկաների հետ զուգորդել վերջիններիս անդադրում խռպոտ երաժշտությունը և առաջինների ծույլ թռիչքը, որոնք միջօրյա խաղաղ, հրավառ տրոպիկների աներկբա ակոմպանիմենտներն են։ Արեգակն իր ամենաբարձր դիրքում գտնվելիս պետք է դիտել այնպիսի տեսաբանները. եբբ մանգոյի խիտ շքեղ սաղարթը ծածկում է գետինն ամենամութ ստվերով, մինչ վերին ճյուղերը լույսի լիառատությունից ստացել են ամենավառ կանաչ գույն։ Բարեխառն գոտում դրությունը բոլորովին այլ է — բուսականությունն այնտեղ այնքան մութ կամ այնքան հարուստ չէ, այդ պատճառով էլ թեքվող արեգակի ճառագայթները, կարմիր, ծիրանի կամ բաց դեղին գույնով երանգավորված, ամենից շատ են մեծացնում այդ կլիմաների գեղեցկությունները։

Երբ հանդարտ քայլում էի այս ստվերոտ շավիղներով և սքանչանում յուրաքանչյուր հաջորդող տեսարանով, ուզում էի լեզու գտնել մտապատկերներս արտահայտելու համար։ Ածականների շարանը շատ թույլ է՝ միջտրոպիկական գոտիները չայցելած մարդուն հաղորդելու բերկրանքի այն զգացողությունները, որոնց ենթակա է մարդու միտքը։ Ես ասել եմ, որ ջերմոցի բույսը չի կարող ճիշտ այս բուսականության պատկերացումը տալ, սակայն ես պիտի դիմեմ այդ բանին։ Ցամաքը մի մեծ վայրի, թափթփած, փարթամ ջերմոց է. բնությունից պատրաստված, բայց մարդու տիրակալության տակ, որը զարդարել է նրա մակերեսը զվարթ տներով և ձևավոր պարտեղներով։ Որքա՜ն մեծ կլիներ բնության յուրաքանչյուր երկրպագուի համար ցանկությունը, եթե այդ հնարավոր լիներ, մի այլ մոլորակի տեսարանները տեսնելու, սակայն Եվրոպայի յուրաքանչյուր մարդու համար վստահորեն կարելի է ասել, որ իր հայրենի հողից միայն մի քանի — աստիճան հեռու նրա համար բացվում են մի այլ աշխարհի փառքն ու շքեղությունները։ Իմ վերջին զբոսանքում ես նորից և նորից կանգ էի առնում զարմանքով նայելու այս գեղեցկությունների վրա, և ջանում էի իմ մտքում ընդմիշտ դրոշմել մի տպավորություն, որը ես գիտեի, որ ժամանակի ըեթացքում, վաղ թե ուշ, պետք է նվազեր։ Նարնջի ծառի, կոկոսյան ընկույզի, արմավի, մանգոյի, ծառապտերի, բանանի ձևերը կմնան պարզ և անջատ, բայց հազարավոր գեղեցկություններ, որ միացնում են այս բոլորը մի ամբողջական տեսարանում, կաղոտանան, կհեռանան, սակայն նրանք մանկության ժամանակ լսած հեքիաթի նման կթողնեն անորոշություններով լի, բայց ամենագեղեցիկ կերպարանքներով պատկերներ։

Օգոստոսի 6.— Կեսօրից հետո դուրս եկանք ծով, ուղիղ դեպի Կանաչ Հրվանդանի կղզիները գնալու նպատակով։ Սակայն աննպաստ քամիները հապաղեցրին մեզ, և 12-ին փախանք Պեռնամբուկո — մի մեծ քաղաք Բրազիլիայի ափին, 8° լայնության վրա։ Մենք խարիսխ գցեցինք ռիֆից դուրս, բայց կարճ ժամանակից հետո մի պիլոտ (լոցման, ուղեցռւյց նավատար) եկավ նավը և տարավ մեզ ներքին նավահանգիստը, որտեղ մենք բոլորովին մոտիկ էինք քաղաքին։

Պեռնամբուկոն կառուցված է մի քանի նեղ և ցածր ավազաթմբերի վրա, որոնք իրարից բաժանված են աղի ջրի ծանծաղ կանալներով։ Քաղաքի երեք մասերն իրար հետ միացած են փայտյա ցցերի վրա կառուցած երկու երկար կամուրջներով։ Քաղաքը բոլոր մասերում էլ զզվելի է, փողոցները նեղ, վատ սալահատակած և կեղտոտ, տները՝ բարձր և մռայլ։ Ուժեղ անձրևների շրջանը դեռ բոլորովին չէր վերջացել, և այդ պատճառով շրջակայքում գետինը, որը հազիվ ծովի մակարդակից բարձր լինի, հեղեղվել էր ջրով, և իմ բոլոր փորձերը՝ մի երկար զբոսանք կատարելու, իզուր անցան։

Հարթ ճահճոտ ցամաքը, որի վրա կանգնած է Պեռնամբուկոն, մի քանի մղոն հեռավորությամբ շրջապատված է կիսաշրջան ցածր բլուրներով կամ, ավելի ճիշտ, մի տարածությամբ, որը թերևս ծովից երկու հարյուր ոտնաչափ բարձր չինի։ Օլինդա հին քաղաքը գտնվում է այս գոտու մի վերջավորության վրա։ Մի օր վերցրի մի նավակ և ընթացա այս կանալներից մեկով դեպի վեր, Օլինդան այցելելու նպատակով։ Ես գտա հին քաղաքն իր դիրքով ավելի դուրեկան և մաքուր, քան Պեռնամբուկոն։ Ես այստեղ հիշատակելու եմ այն, ինչ պատահեց մեզ առաջին անգամ մեր՝ մոտ հինգ տարվա թափառելու ժամանակամիջոցում, այն է՝ հանդիպումը քաղաքավարության բացակայության։ Երկու տարբեր տներում խոժոռ եղանակով ինձ թույլ չտվին իրենց պարտեզի միջով անցնել դեպի մի անմշակ բլուր՝ շրջակայքը դիտելու համար, և մի երրորդ տուն դժվարությամբ համաձայնվեց։ Ուրախ եմ, որ այդ պատահեց Բրազիլիայում, որովհետև այս երկրի նկատմամբ բարյացակամություն չունեմ — միաժամանակ նա մի ստրկատիրական երկիր է, հետևաբար և բարոյական տեսակետից նվաստ։ Սպանացին կամաչեր մինչև անգամ մտածել մերժել նման մի խնդիրք, կամ օտարականի հետ վարվել կոպտությամբ։ Նեղուցը, որով գնացինք Օլինդա և վերադարձանք, երկու կողմով էլ եզերված էր մանգլինու ծառերով, որոնք աճել էին, անտառի մինիատյուրայի նման, կեղտոտ, տղմոտ թմբերից։ Այս թփերի վառ-կանաչ գույնն ինձ միշտ հիշեցնում էր գերեզմանոցի բարձրաբուն խոտը. երկուսն էլ սնվում են նեխված գոլորշիներով, միայն թե խոտը խոսում է անցյալում մեռածի մասին, իսկ մանգլինու ծառը հաճախ ծառայում է որպես գալիք մահվան նախակարապետ։

Այս շրջանում իմ տեսած ամենահետաքրքրական բանը նավահանգիստը կազմող ռիֆն էր։ Կասկածում եմ, թե աշխարհի որևէ այլ մասում լինի մի այլ բնական կառուցում, որն այսքան արհեստական տեսք[216] ունենա։ Նա մի քանի մղոն երկարությամբ անցնում է բացարձակ ուղիղ գծով, ափին զուգահեռ և նրանից ոչ շատ հեռու։ Լայնքը տարբեր մասերում տարբեր է, լինելով երեսունից մինչև վաթսուն յարդ, և նրա մակերեսը հարթ է և ողորկ։ Նա կազմված է աղոտ կերպով շերտավորված կարծր ավազաքարից։ Մակընթացության ժամանակ ալիքները փշրվում են նրա վրա, տեղատվության ժամանակ նրա կատարը մնում է չոր, և նրան կարելի է շփոթել կիկլոպյան բանվորների ձեռքով կանգնեցրած թմբի հետ։ Այս ափին ծովի հոսանքները ցամաքի վրա կիտում են թույլ ավազի երկար ցամաքաշերտեր և երիզներ, և այս մասերից մեկի վրա է կանգնած Պեռնամբուկո քաղաքի մի մասը։ Թվում է, թե հին ժամանակներում այս բնույթի մի երկար ցամաքաշերտ ամրացել է կրային նյութի պերկոլացիայից (ծծվելուց) և ապա աստիճանաբար վեր է բարձրացել. արտաքին և թույլ մասերն այս պրոցեսի ժամանակ մաշվել են ծովի գործունեությունից, և պինդ կորիզը մնացել է այնպես, ինչպես մենք տեսնում ենք այժմ։ Թեև գիշեր և ցերեկ բաց Ատլանտյան օվկիանոսի ալիքները, սեդիմենտներից պղտորված, քշվում են այս քարի պատի արտաքին թեք կողերի դեմ, սակայն ամենածեր նավաստիները չէին իմանում և ոչ մի ավանդություն նրա տեսքի փոփոխության վերաբերյալ։ Այս դիմացկունությունը նրա պատմության մեջ ամենահետաքրքրական փաստն է. այդ արդյունք է մի քանի մատնաչափ հաստության կրային նյութի կարծր շերտի, ամբողջովին կազմված հաջորդաբար աճող և մեռնող Serpulae-ի ջոքրիկ խեցիներից, որոնց հետ կա և մի քանի բառնակլ (կրախեցի) և նուլիպորա։ Այս նուլիպորաները, որոնք պինդ, շատ պարզ կազմության ծովային բույսեր են, խաղում են նման և կարևոր դեր կորալային ռիֆերի արտաքին մակերեսները պաշտպանելու խնդրում, անմիջականորեն գտնվելով ալեբախության ազդեցության ներքո, որտեղ իսկական կորալները, զանգվածի վեր աճելու ժամանակ արևի և օդի հետ շփվելով, սպանվում են։ Այս օրգանական աննշան էակները, մասնավորապես Serpulae-ն, լավ ծառայություն են մատուցել Պեռնամբուկոյի բնակչությանը, որովհետև առանց նրանց պաշտպանողական օգնության՝ ավազաքարի թումբը վաղուց անխուսափելիորեն մաշված վերջացած կլիներ, իսկ առանցց թմբի նավահանգիստ չէր լինի։

Օգոստսսի 19-ին մենք վերջապես թողինք Բրազիլիայի ափերը։ Շնորհակալ եմ աստծուց, որ այլևս երբեք չպիտի այցելեմ ստրկատիրական մի երկիր։ Մինչև այսօր էլ, երբ լսում եմ մի հեռավոր ճիչ, այդ տանջալի կենդանությամբ հիշեցնում է ինձ իմ զգացողությունները, Պեռնամբուկոյի մոտ երբ անցնում էի մի տան կողքով, ես լռեցի վերին աստիճանի խղճալի հեծեծանքներ, և միայն կարելի էր ենթադրել, որ ներսում տանջում էին մի խեղճ ստրուկի, և ես զգում էի ինձ նույնչափ անզոր, որչափ մի երեխա, մինչև անգամ առարկելու։ Ես ենթադրում էի, որ այդ հեծեծանքները մի տանջվող ստրուկի հեծեծանքներ են, որովհետև մի այլ անգամ նման դեպքում ինձ ասել էին, որ ստրուկի են ծեծում։ Ռիո դե Ժանեյրոյում ես ապրում էի մի ծեր կնոջ տան դիմացը, որը պտուտակներ էր պահում իր ստրկուհիների մատները ճզմելու համար։ Ես ապրել եմ մի տան մեջ, որտեղ մի երիտասարդ սպասավոր խառնածին ամեն օր և ամեն ժամ անարգվում էր, ծեծվում և հալածվում այն աստիճանի, որ նման դեպքում մինչև անգամ ամենաստորին կարգի անասունի համառությունը կխորտակվեր։ Ես տեսել եմ մի փոքր տղա, վեց կամ յոթը տարեկան, որի գլխին իջեցրին ձիու մտրակի երեք հարված (նախքան ես կկարողանայի միջամտել), որովհետև նա ինձ տվել էր մի բաժակ ջուր, որը կատարյալ մաքուր չէր. ես տեսա նրա հորը, որը դողում էր իր տիրոջ աչքի մի ակնարկից անգամ։ Այս վերջին դաժանություններին ականատես եմ եղել մի սպանական գաղութում, որտեղ միշտ ասում են, որ ստրուկների հետ ավելի լավ են վարվում, քան պորտուգալացիները կամ անգլիացիները կամ մի որևէ եվրոպական այլ ազգություն։ Ես տեսել եմ Ռի դե Ժանեյրոյում մի ուժեղ նեգր, օրը վախ էր զգում պաշտպանվելու համար այն հարվածից, որն, ինչպես ինքն էր կարծում, ուղղված էր նրա երեսին։ Ես ներկա էի, երբ մի քարեսիրտ մարդ, քիչ էր մնում, բազմաթիվ ընտանիքների մարդկանց, կանանց և երեխաներին բաժաներ իրարից, որոնք երկար ժամանակ ապրել էին միասին։ Մինչև անգամ չեմ ակնարկում այն բազմաթիվ սրտաճմլիկ գազանությունները, որոնց մասին ես հաստատապես լսել եմ.— և ոչ էլ ես կհիշատակեի վերևի ցնցող մանրամասնությունները, եթե ես հանդիպած չլինեի մի քանի մարդկանց, որոնք այնքան էին կուրացած սահմանադրական գեղապճնությամբ, որ ստրկության մասին խոսում են՝ որպես տանելի չարիքի մասին։ Այդպիսի մարդիկ ընդհանրապես այցելել են բարձր դասերի տները, որտեղ ընտանիքում աշխատող ստրուկների հետ սովորաբար լավ են վարվում, և նրանք չեն ապրել ցածր դասերի մեջ, ինչպես ես։ Նման հարցաքննիչները հարցնում են ստրուկներին իրենց վիճակի մասին. նրանք մոռանում են, որ ստրուկը հիրավի հիմար պետք է լինի, եթե հաշվի չի առնում, որ իր պատասխանը կարող է հասնել տիրոջ ականջին։

Հաճախ վիճում են, որ շահասիրությունը խափանում է չափազանց դաժանությունները, կարծեք թե շահասիրությունը պաշտպանել է մեր ընտանի կենդանիներին, որոնք շատ ավելի քիչ են ընդունակ գրգռելու իրենց վայրենի տերերի ցասումը, քան վատթարագույն համարված ստրուկները։ Այդ մի փաստարկում է, որի դեմ երկար ժամանակ ազնիվ զգացողությամբ և ուշագրավ օրինակներով բողոքել է հավերժ հռչակավոր Հումբոլտը։ Հաճախ փորձել են մեղմել ստրկությունը՝ համեմատելով ստրուկների վիճակը աղքատ գյուղացիների վիճակի հետ. եթե մեր աղքատների թշվառությունը բնության օրենքներից չէ, այլ մեր հիմնարկություններից, ապա մեր մեղքը մեծ է, բայց թե այս որչափ է վերաբերում ստրկության, ես չեմ կարող հասկանալ. նույն ձևով կարելի է պաշտպանել բութապտուտակի[217] գործածությունը մի երկրում, ցույց տալով, որ մի այլ երկրում մարդիկ տառապում են մի ահարկու հիվանդությամբ։ Նրանք, ովքեր ստրկատիրոջ վրա նայում են գորովանքով, իսկ սառը սրտով՝ ստրուկի վրա, թվում է թե երբեք իրենց չեն դնում վերջինիս դրության մեջ.— ինչպիսի՜ տխուր հեռանկար, մինչև անգամ առանց հույս ունենալու, որ մի օր կփոփոխվի այդ վիճակը։ Պատկերացրո՛ւ դամոկլյան սրի պես միշտ վրադ կախված քեզ սպասելիք այն օրը, երբ քո կինը և երեխաները, որոնց բնությունը մինչև անգամ ստրուկին ստիպում է իրենը համարելու, անջատում են քեզնից և որպես անասունների՝ ծախում առաջին հանդիպողին։ Եվ այս գործերը կատարվում և պարտակվում են մարդկանց կողմից, որոնք հրապարակավ հայտնում են, որ պետք է սիրել հարևաններին իրենց անձի պես, որոնք հավատում են աստծուն և աղոթում, որ նրա կամքը լինի երկրի վրա։ Մարդու արյունը եռ է գալիս, սիրտը թրթռում է, երբ մտածում է, որ մենք՝ անգլիացիներս և մեր ամերիկյան սերունդներն իրենց ազատության պարծենկոտ գոչերով հանդերձ եղել են և ե՛ն այնքան հանցավոր։

Օգոստոսի վերջին օրը երկրորդ անգամ խարիսխ գցեցինք Կանաչ Հրվանդանի արշիպելագի Պորտո Պրայայում, այնտեղից զգնացինք Ադորյան կղզիները, որտեղ մնացինք վեց օր։ Հոկտեմբերի երկուսին հասանք Անգլիայի ափերը, և Ֆալմատում ես թողեցի «Բիգլ»-ը՝ հիանալի փոքրիկ նավի վրա մոտ հինգ տարի լինելուց հետո։

Մեր ճանապարհորդությունը վերջացած լինելով՝ ես մի կարճ հեռտահայացք եմ գցելու, մեր շուրջերկրյա նավարկության առավելությունների և վնասների, նրա պատճառած տանջանքների և հաճույքների մասին։ Եթե մեկն ինձնից խորհուրդ հարցներ՝ նախքան մի երկար ճանապարհորդություն ձեռնարկելը, իմ պատասխանը կախված կլիներ գիտության որևէ ճյուղի նկատմամբ նրա ունեցած որոշակի ճաշակից, որն այս միջոցով կարող էր առաջադիմել։ Կասկած չկա, որ մեծ բավականություն է դիտել տարբեր երկրներ և մարդկային բազմաթիվ ցեղեր, բայց այդ ժամանակամիջոցում ստացված հաճույքը չի հավասարակշռում չարիքները։ Անհրաժեշտ է հուսալ ապագա բերքի վրա, որչափ էլ հեռու լինի այդ ապագան, երբ հնձվելու է որոշ պտուղ։

Կորուստներից շատերը, որոնց ենթակա է մարդը, ակներև են, օրինակ՝ ամեն մի հին բարեկամի ընկերությունից զրկվելը, ինչպես և այն վայրերի տեսարաններից հեռանալը, որոնց հետ այնքան սերտորեն կապված են մեր ամենասիրելի հիշողությունները։ Սակայն այս կորուստները ժամանակին մասամբ ամոքվում են անսպառ բերկրանք առաջացնող երկար ժամանակ սպասված օրվա վերադարձով։ Եթե, ինչպես բանաստեղծներն են ասում կյանքը երազ է, ապա վստահ եմ, որ մի ճանապարհորդության մեջ կան այնպիսի տեսիլքներ, որոնք ամենից լավ են ծառայում երկար գիշերն անցկացնելու համար։ Մյուս կորուստները թեև սկզբում չեն զգացվում, ծանր են դառնում մի որոշ ժամանակից հետո. սրանք սենյակի, առանձնարանի, հանգստի կարիքն են, անընդհատ շտապելու հոգեմաշ զգացմունքը, մանր պերճանքներից գրկվելը, ընտանեկան շրջապատի կորուստը և մինչև անգամ երաժշտության և երևակայության այլ հաճույքները։ Երբ հիշակատում եմ այդպիսի չնչին բաներ, ապա ակներև է, որ ծովային կյանքի իրական նեղությունները, չհաշված պատահարներից առաջացածները, հետզհետե վերանում են։ Վաթսուն տարվա կարճ ժամանակամիջոցը ծովային հեռավոր ճամբորդությունը մեծ չափով հեշտացրել է։ Մինչև անգամ Կուկի ժամանակ այն մարդը, որը թողնում էր իր օջախը նման էքսպեդիցիաների համար, ենթարկվում էր խիստ զրկանքների։ Այժմ մի զբոսանավ կյանքի բոլոր պերճանքներով կարող է նավարկել երկրագնդի շուրջը։ Բացի նավերի և նավային ռեսուրսների մեծ կատարելագործումից, Ամերիկայի ամբողջ արևմտյան ափը բացված է, և Ավստրալիան դարձել է բարձրացող քաղաքակրթության մի կենտրոն։ Որքա՜ն տարբեր են ներկա օրերում Խաղաղ օվկիանոսում նավաբեկման ենթարկված նավաստու պայմանները Կուկի ժամանակում՝ նման դեպքերի հետ համեմատած։ Նրա ճանապարհորդությունից այս կողմ մի կիսագունդ է ավելացել քաղաքակրթված աշխարհին։

Եթե մեկը ենթակա է ծովային հիվանդության, թող նա ծանր կշռի այդ հանգամանքը։ Ես խոսում եմ փորձից. այդ մի շաբաթում բուժվող թեթև չարիք չէ։ Մյուս կողմից: եթե նա նավային տակտիկայում հաճույք է ստանում, վստահորեն նա իր ճաշակի համապատասխան կունենա լրիվ ասպարեզ։ Բայց պետք է նկատի ունենալ, թե երկար ճանապարհորդության ընթացքում ժամանակի ինչպիսի մեծ բաժին է վատնվում ծովի վրա՝ համեմատած նավահանգիստներում անցկացրած օրերի հետ։ Իսկ ի՞նչ են անսահման օվկիանոսի սնապարծ փառքերը։ Մի ձանձրալի ամայություն, մի անապատ ջրի, ինչպես արաբներն են անվանում նրան։ Անկասկած կան որոշ բերկրալի տեսարաններ, լուսնյակ գիշեր՝ վճիտ երկնքով և մութ շողշողուն ծովով, և սպիտակ առագաստները՝ մեղմ փչող պասսատային քամու քնքույշ օդով լցված, կամ մի մեռելային լռություն հառաչող մակերեսով՝ հղկված ինչպես հայելի, և ամեն ինչ խաղաղ, բացառությամբ կտավի երբեմն տեղի ունեցող բախյունի։ Լավ է մի անգամ ականատես լինել փոթորկի, տեսնել, թե ինչպես ծովի մակերեսը բարձր կամարի ձևով բարձրացնում է վեր, կամ թե ինչպես ալիքները ինչպես լեռներ բարձրանում են ուժեղ քամուց։ Սակայն, խոստովանվում եմ, որ իմ երևակայությունը լիաճուն փոթորիկն ավելի մեծ, ավելի սարսափելի է նկարել։ Անհամեմատ ավելի գեղեցիկ տեսարան է բացվում մարդու առջև, երբ դիտում է ափից, որտեղ օրորվող ծառերը, թռչունների վայրագ թռիչքը, մութ ստվերները և պայծառ լույսերը, հեղեղների խուճապը, բոլորը հայտարարում են պայքարն արձակված տարերքի։ Ծովի վրա ձկնկուլը և փոքրիկ մրրկահավն այնպես են թռչում, կարծեք թե փոթորիկը նրանը հատուկ սֆերան է, ջուրը բարձրանում է և իջնում, կարծեք թե կատարում է իր սովորական պարտականությունը, և տարերքի մոլեգնոտ ձախորդությունները ուղղված են միայն բացառապես դեպի նավը և նրա բնակիչները։ Լքված և հողմնահար ափին տեսարանը հիրավի տարբեր է, բայց զգացմունքներն այստեղ առաջացնում են ավելի շատ սարսափ, քան վայրի բերկրանք։

Այժմ նայենք անցած ժամանակի պայծառ կողմերի վրա։ Այն հաճույքը, որ ստացվում է տեսարանները և մեր այցելած տարբեր երկրները գիտելիս, վճռականորեն վայելչանքի ամենահարատև և ամենաբարձր աղբյուրն է կազմում։ Հավանական է, որ Եվրոպայի շատ մասերի գեղանկար գեղեցկությունը գերազանցում է մեր տեսած ամեն մի բանը։ Բայց մարդու մեջ առաջանում է մի ուժեղ հաճույք տարբեր երկրների տեսարանի բնույթը համեմատելիս, որը որոշ աստիճանի գունագեղ է դառնում սոսկ նրա գեղեցկությունը զննելուց։ Այդ գլխավորապես կախված է յուրաքանչյուր տեսարանի առանձին մասերի հետ ծանոթություն ունենալուց, ես հակամետ եմ կարծելու, որ ինչպես երաժշտության մեջ նա, ով հասկանում է յուրաքանչյուր նոտա, եթե ունի նաև առանձին ճաշակ, ավելի լրիվ կվայելի ամբողջը, ուստի ով քննում է մի լավ տեսարանի յուրաքանչյուր մաս, նա նույնպես ամբողջովին կըմբռնի լրիվ և միացյալ էֆեկտը։ Ուստի ճանապարհորդը պետք է բուսաբան լինի, որովհետև բոլոր տեսարաններում բույսերը կազմում են գլխավոր զարդարանքը։ Մերկ ապառաժի մեծ զանգվածները, մինչև անգամ ամենավայրի ձևերով ժամանակավորապես կարող են տալ վսեմ պատկեր, բայց նրանք շուտով մոնոտոն կդառնան։ Գունազարդի՛ր նրանց պայծառ և տարբեր գույներով, ինչպես հյուսիսային Չիլիում, և նրանք կդառնան ֆանտաստիկ. ծածկի՛ր նրանց բուսականությամբ, նրանք կկազմեն վայելուչ եթե ոչ գեղեցիկ, պատկեր։

Երբ ես ասում եմ, որ Եվրոպայի զանազան մասերի տեսարանները հավանորեն գերազանցում են մեր տեսած ամեն մի բանը, ես բացառում եմ, որպես առանձին դաս, միջարևադարձային զոնաները։ Այս երկու դասերը չեն կարող իրար հետ համեմատվել, բայց ես արդեն հաճախ ազատ արտահայտվել եմ այդ շրջանների հոյակապության մասին։ Որովհետև տպավորության ուժեղությունն ընդհանրապես կախված է նախապես ստացած գաղափարներից, ես կարող եմ ավելացնել, որ իմ տպավորություններն ստացվել են Հումբոլտի „Personal narrative”-ի կենդանի նկարագրություններից, որոնք իրենց արժանիքներով գերազանցում են իմ կարդացած որևէ բան։ Սակայն այս բարձր նրբադործ պատկերավորումով իմ զգացմունքները հեռու էին հուսախաբության որևէ ստվերից իմ առաջին և վերջին անգամին բրազիլիական ափը դուրս գալու ժամանակ։

Իմ մտքում ամենախորը տպավորություն առաջացնող տեսարաններից ոչ մեկը չի գերազանցում իր վսեմությամբ կուսական անտառները, որոնք դեռ չեն եղծվել մարդու ձեռքով, լինեն դրանք Բրազիլիայում, որտեղ տիրապետում է կյանքի ուժը, լինեն Հրո Երկրում, որտեղ իշխում է մահը և քայքայումը։ Երկուսն էլ տաճարներ են՝ լցված աստծու և բնության տարբեր պրոդուկցիաներով.— ոչ ոք չի կարող առանց հուզմունքի կանգնել այս մենավայրերում և չզգալ, որ մարդու մեջ կա ավելի բան, քան իր մարմնի սոսկ շունչը։ Վերհիշելով անցյալի պատկերները՝ տեսնում եմ Պատագոնիայի հարթավայրերը հաճախակի աչքիս առջևից անցնելիս, բայց և այնպես այս հարթավայրերը բոլորի կողմից շեշտված են որպես ողորմելի և անպետք բաներ։ Այս հարթավայրերը նկարագրում են միայն բացասական հատկություններով, առանց բնակչության, առանց ջրի, առանց ծառերի, առանց լեռների. նրանք ունեն սոսկ մի քանի գաճաճ ծառեր միայն։ Եթե այդ այդպես է, հապա ինչո՞ւ այս չոր ամայություններն այսքան, ամուր տեղավորվել են իմ, ու ոչ միայն իմ հիշողության մեջ։ Ինչո՞ւ դեռ ավելի հարթ, ավելի կանաչ, ավելի բերրի պամպասները, որոնք օգտագործելի են մարդկության համար, հավասար տպավորություն չեն առաջացրել։ Հազիվ թե կարողանամ վերլուծել այս զգացողությունները, բայց մասամբ այդ պետք է վերագրել երևակայությանը տրված ազատությանը։ Պատագտնիայի հարթավայրերն անծայրածիր են, որովհետև հազիվ թե նրանք անցանելի լինենք հետևաբար և անհայտ են։ Նրանք կրում են դարերի և այժմյան տևականության կնիքը, և թվում է թե ապագա ժամանակի նրանց տևականության սահման չկա։ Եթե, ինչպես ենթադրում էին հնում, տափակ երկիրը շրջապատված էր անանցանելի լայնության ջրով կամ անտանելիորեն տաքացած անապատներով, ո՞վ չէր նայի մարդու գիտության համար այս վերջին սահմաններին խորը, բայց անորոշ զգացողությամբ։

Վերջապես բնական տեսարանները, բարձր լեռներից դիտված, թեև, աներկբայորեն մի տեսակետից գեղեցիկ չեն, բայց չափազանց ուշագրավ են։ Կորդիլյերների ամենաբարձր կատարից ներքև նայելիս միտքը, մանրամասնություններից անխռով, լցվում էր շրջապատող զանգվածների ապշեցուցիչ քանակություններով։

Առանձին առարկաներից թերևս ոչինչ ավելի հավաստի չէ զարմանք առաջացնելու, քան առաջին հանդիպումը վայրենուն իր հայրենի որջում — մի մարդու՝ իր ամենացածր և ամենավայրենի վիճակում։ Մարդու միտքն շտապում է դեպի անցյալ դարերը և ապա հարց է տալիս, թե մեր նախածնողնե՞րն էլ եղել են սրանց նման մարդիկ — մարդիկ, որոնց հենց արտահայտության նշանները նվազ հասկանալի են մեզ, քան ընտանի կենդանիներինը, մարդիկ, որոնք չունեն այդ կենդանիների բնազդը և ոչ էլ կարող են պարծենալ մարդկային բանականությամբ կամ առնվազն որոշ ճարտարությամբ, որը հետևանք է այդ բանականության։ Չեմ կարծում, որ հնարավոր է նկարագրել կամ նկարել վայրենու և քաղաքակրթված մարդու միջև եղած տարբերությունը։ Այդ այն տարբերությունն է, որ գոյություն ունի վայրի և ընտանի կենդանու միջև, և վայրենին տեսնելու հետաքրքրությունը մասամբ նույնն է, ինչ որ յուրաքանչյուր մարդու ցանկությունն է՝ տեսնել առյուծին իր անապատում, վագրին՝ ջունգլիում իր որսը բզկտելիս, կամ ռնգեղջյուրին՝ Աֆրիկայի ընդարձակ վայրի հարթավայրերում թափառելիս։

Մեր տեսած մյուս ամենանշանավոր տեսարանների շարքը կարելի է դասել հարավային Խաչը, Մագելլանի ամպը և հարավային կիսագնդի այլ համաստեղություններ — ծովի թաթառը — սառցադաշտերն իր սառցի կապույտ հոսանքով, ծովի վրա՝ ցցված ժայռի ձևով կախված — լագունային կղզին՝ ռիֆ կառուցող կորալներից պատրաստված — մի գործող հրաբուխ և ուժգին երկրաշարժի ավերիչ էֆեկտները։ Այս վերջին երևույթները թերևս ինձ համար առանձին հետաքրքրություն ունենան՝ աշխարհի երկրաբանական կաոուցվածքի հետ սերտ կապ ունենալու համար։ Սակայն երկրաշարժը ամեն մեկի համար ամենատպավորիչ դեպքը պետք է լինի. երկիրը, որը մեր մանկությունից սկսած նկատվել է որպես հաստատունության նախատիպ, ճոճվում է մեր ոտքերի տակ ինչպես մի բարակ կեղև, և տեսնելով մարդու ջանքերով առաջ բերած գործերը մի մոմենտում տակնուվրա եղած՝ զգում ենք նրա (մարդու) պարծեցյալ ուժի ունայնությունը։ Ասում են, որ որսի սերը մարդկանց մոտ ժառանգական բերկրանք է — մի մնացորդ բնազդական կրքի։ Եթե այդ այդպես է, ապա ես վստահ եմ, որ բաց օդում ապրելու հաճույքը, երկինքն ունենալով որպես տանիք և գետինը՝ որպես սեղան, միևնույն զգացողության մի մասն է. այդ վայրենին է, որ վերադառնում է դեպի իր վայրի և բնիկ սովորությունները։ Ես միշտ ետ եմ նայում դեպի մեր ճանապարհորդությունը ծովի վրա՝ նավակներով, և իմ ցամաքային ճամբորդությունները, երբ անցնում էի չհաճախված երկրներով այնպիսի մեծ բերկրանքով, որ չէին կարող առաջացնել քաղաքակրթության տեսարանները։ Ես չեմ կասկածում, որ յուրաքանչյուր ճանապարհորդ կհիշի երջանկության այն հրավառ զգացողությունը, որով նա ապրել է, երբ առաջին անգամ շնչել է օտար կլիմաներում, որտեղ քաղաքակրթված մարդը քիչ անգամ է ոտք դրել, կամ երբեք ոտք չի դրել։

Կան և հաճույքների մի շարք այլ աղբյուրներ ծովային երկար ճանապարհորդությունների մեջ, որոնք ավելի բանական բնույթ ունեն։ Աշխարհի քարտեզը դադարում է սոսկ դատարկ թուղթ լինելուց, նա դառնում է մի նկար՝ լի չափազանց տարբեր և կենդանի կերպարանքներով։ Յուրաքանչյուր մաս ստանում է իր աոանձին մեծությունը, մայր ցամաքները չեն դիտվի կղզիների լույսով և ոչ էլ կղզիները կնկատվեն որպես սոսկ կետեր, որոնք իրականում ավելի մեծ են, քան Եվրոպայի շատ թագավորություններ։ Աֆրիկան կամ Հյուսիսային և Հարավային Ամերիկան հեշտ հնչող անուններ են, բայց մինչև մեկը շաբաթներով նրանց ափերի մի փոքր մասով չնավարկի, լրիվ չի համոզվի, թե ինչպիսի լայնարձակ տարածությունների են պատկանում այդ անունները մեր վիթխարի աշխարհում։

Տեսնելով գրեթե մի ամբողջ կիսագնդի ներկա վիճակը, անհնար է բարձր սպասելիքներով չնայել առաջ՝ դեպի նրա ապագա առաջադիմությունը։ Առաջադիմության ընթացքն ամբողջ հարավային ծովում (Խաղաղ օվկիանոս), որպես հետևանք քրիստոնեության մուտքի, հավանորեն իր արժանի տեղն է գրավում պատմության մեջ։ Ավելի հետաքրքրական է, երբ հիշում ենք, որ միայն վաթսուն տարի առաջ Կուկը, որի վսեմ դատողությունները ոչ ոք չի ժխտի, չէր կարող նախատեսել փոփոխության հեռանկար։

Եզրափակելով՝ թվում է թե ոչ մի բան չի կարող ավելի կատարելացործող նշանակություն ունենալ երիտասարդ բնագետի համար, քան ճանապարհորդությունը դեպի հեռավոր երկրները։ Այդ ճանապարհորդությունը և՛ սրում և՛ մասամբ մեղմում է այն պահանջները և տենչանքները, որոնք, ինչպես նկատում է սըր Ջ. Հերշելը, առաջանում են մարդու մեջ, որչափ էլ նրա յուրաքանչյուր մարմնական զգայարանները լրիվ բավարարված լինեն։ Առարկաների նորօրինակությունից առաջացած հույզը և հաջողության առիթը խթանում են նրան դեպի գործունեության բարձրացում։ Բացի այդ, որովհետև անջատ փաստերի թիվը շուտով անհետաքրքրական կդառնա, բաղդատության սովորությունը կտանի մեզ դեպի ընդհանրացում։ Մյուս կողմից, որովհետև ճանապարհորդը յուրաքանչյուր տեղում միայն կարճ ժամանակով է մնում, նրա նկարագրությունները սովորաբար պետք է ներկայացնեն սոսկ ուրվագծեր, մանրամասն դատողությունների փոխարեն։ Այստեղից էլ առաջանում է, ինչպես զգացել եմ այդ իմ անհատական փորձից, մշտական տենդենց՝ գիտության մեծ անջրպետները ոչ ճիշտ և մակերեսային հիպոթեզներով լցնելու։

Ես շատ խորն եմ վայելել իմ ճանապարհորդությունը, և պատրաստ եմ հանձնարարելու որևէ բնագետի՝ բոլոր առիթներից օգտվելու, և սկսել իր երկար ճանապարհորդությունը ցամաքով, եթե հնարավոր է, այլապես ծովով, թեև նա չպետք է ակնկալի իր համար այնպիսի բախտավորություն իր ճանապարհորդակիցների մեջ, ինչպես ես։ Նա կարող է վստահ լինել, որ ինքը չի հանդիպի այնպիսի դժվարությունների կամ վտանգների, բացառությամբ շատ քիչ դեպքերի, ինչ որ նա սպասում է։ Բարոյական տեսակետից արդյունքն ուսուցանում է զվարթամիտ համբերություն, ինքնուրույն գործելու սովորություն և յուրաքանչյուր պատահմունքից ամենալավ արդյունք ստանալու կարողություն։ Կարճ ասած՝ նա պետք է ունենա նավաստիների մեծ մասի բնորոշ որակների իր բաժինը։ Ճանապարհորդությունը նքան պետք է սովորեցնի նաև անվստահություն, կասկածամտություն, բայց միաժամանակ նա կտեսնի, թե որքան իսկական բարեսիրտ մարդիկ կան, որոնց հետ նա առաջուց ոչ մի հարաբերություն չի ունեցել և չի ունենա հետագայում, բայց և այնպես նրանք պատրաստ են իրեն մատուցելու ամենաանշահախնդիր օգնությունը։



  1. Այս բանում ես հիմնվում եմ Դր. Է. Դիֆենբախի հեղինակության վրա՝ այդ տվյալները վերցնելով այս «Օրագրության» առաջին հրատարակության գերմանական թարգմանությունից։
  2. 1808—1814 թվականներին Նապոլեոնի վարած պատերազմները անգլիացիների, սպանացիների և պորտուգալացիների դեմ՝ Պիրենյան թերակղզում։ Ծ. Թ.
  3. Կանաչ հրվանդանի կղզիները հայտնաբերվել են 1449 թվականին։ Մի եպիսկոպոսի տապանաքարի վրա փորագրված էր 1571 թվականը, իսկ ձեռքից և նիզակից կազմված մի զինանշանի վրա կար 1497 թիվը։
  4. Շիլինգ — անգլիական դրամ, որը հավասար է մոտ 50 կոպեկի։ Ծ. Թ.
  5. Օգտվելով իմ այս առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում այն մեծ ազնվության համար, որով այս հռչակավոր բնագետը քննել է իմ նմուշներից շատերը։ Այս փոշու անկման մասին մի լրիվ զեկուցում ուղարկել եմ Գեոլոգիական ընկերությանը (հունիս, 1845)։
  6. Տես „Encyclop. of Anat. and Physiol.”, Cephalopoda հոդվածը։
  7. Personal Narrative, vol. V, pt. I, p. 18.
  8. M. Montagne, „Comptes rendus” etc. Juillet 1844, և Annales des Sciences nat., Dec. 1844.
  9. Մր. Լեսոնը («Voyage de la Coquille», tome 1, p. 235) հիշատակում է Լիմայի կարմիր ջրերը, որոնք, ըստ երևույթին, առաջանում են միևնույն պատճառներից։ Հայտնի բնագետ Պերոնը «Voyage aux terres Australes»-ում հիշատակում է ոչ պակաս քան տասներկու ճանապարհորդների, որոնք ունեն ծովի ջրի գունավորման մասին ակնարկություններ (vol. II, p. 239)։ Պերոնի տված տեղեկություններին կարելի է ավելացնել՝ Հումբոլտի „Personal Narrative”, vol. VI, p. 804. Ֆլինդերսի «Voyage», vol. I, p. 92. Լաբիլարդիերի vol. I, p. 287. Ուլոայի „Voyage”. „Voyage of the Astrolabe and of the Coquille". կապիտան Կինգի „Survey of Australia” և այլն։
  10. Գրքում տրված ջերմաստիճաններն ըստ Ֆարենհայտի են։ Ծ. Թ.
  11. Վենդա պորտուգալերեն նշանակում է պանդոկ։
  12. Մանիոկայի ալյուր։ Ծ. Թ.
  13. Annales des Sciences Naturelles, 1833.
  14. Ես այս տեսակները նկարագրել և անվանակարգել եմ „Annals of Natural History”-ում, հատոր XIV, էջ 241։
  15. Մեկ մատնաչափը մոտավորապես երկու և կես (2,46) սանտիմետր է։ Ծ. Թ.
  16. Ես մեծապես պարտավորված եմ զգում դեպի մր. Ուոթըրհաուզը, որը բարեսրտաբար անվանելով այս և մի շարք ուրիշ միջատներ՝ ինձ այսպիսի արժեքավոր օգնություն հասցրեց։
  17. Կիրբի „Entomology”, հատ. II, էջ 317։
  18. Մր. Դըբըլդեյը վերջին ժամանակները նկարագրել է (Entomological Society, March 3-rd, 1845) այս թիթեռնիկի թևերի մի առանձին կառուցվածքը, որը թվում է թե առաջացնում է այդ ձայնը։ Նա ասում է. «Այդ թիթեռնիկը, նշանավոր է նրանով, որ իր առջևի թևերի հիմքում, կողային և ենթակողային նյարդերի միջև ունի մի տեսակ թմբուկ։ Բացի այդ, այս երկու նյարդերը ներսում ունեն մի առանձին պտուտականման ստոծանի կամ անոթ»։ Լանգսդորֆի ճանապարհորդությունների մեջ (1803—1807 թ., էջ 4) ես կարդացել եմ, որ Բրազիլիայի ափերին, Սեն-Կատարինե կղզու վրա կա մի թիթեռնիկ, որը կոչվում է Februa Hoffmanseggi. երբ թռչում է, առաջացնում է մի շառաչող աղմուկ։
  19. Որպես հասարակ օրինակ կարող եմ հիշատակել մի օրվա կոլեկցիան (հունիս 23), երբ ես հատկապես չէի զբաղված նրանցով։ Այդ օրը ես այդ կարգից բռնեցի վաթսունութ տեսակ, որոնցից միայն երկուսն էին մսակեր բզեզ (Carabidae), չորսը՝ Brachelytera (կարճապատյան միջատ), տասնհինգը՝ Rhyncophora և տասնչորսը՝ Chrysomelidae։ Իմ տուն բերած սարդազգիներից (Arachnidae) երեսունյոթ տեսակները բավական են ապացուցելու, որ ես այնքան շատ ուշադրություն չէի դարձնում ընդհանրապես նախընտրելի Coleoptera կարգին։
  20. Այս նկարագրությունների ձեռագրերը, որ գրել է մր. Աբոտը Ջորջիայում կատարած դիտողություններից, գտնվում են Բրիտանական թանգարանում. տես մր. Ա. Ուայտի հոդվածը „Annals of Natural History”, vol. VII, p. 472. Լեյտ Հուտտոնը նկարագրել է Հնդկաստանում գտնվող և միևնույն սովորություններն ունեցող մի Sphex („Journal of the Asiatic Society”, vol. I. p. 555)։
  21. Դոն Ֆելիքս Ազարան vol. I, p. 175) հիշատակելով մի թաղանթաթև միջատ, հավանորեն միևնույն սեռի, ասում է, որ ինքը տեսել է, թե ինչպես այդ միջատը երկար կանաչ խոտերի միջից ուղիղ գծով քաշում էր մի մեռած սարդ դեպի իր բունը, որը գտնվում էր հարյուրվաթսուներեք քայլ հեռավորության վրա։ Նա ավելացնում է, որ այդ պիծակն իր ճանապարհը գտնելու համար երբեմն կատարում էր „demi-torrs d’environ trois palmes” (մոտավորապես մեկ ոտնաչափի կիսաշրջան)։
  22. Ազարայի ճանապարհորդությունը, հատ. I, էջ 213։
  23. Մի նավային մղոնը հավասար է 1,8 կիլոմետրի։ Ծ. Թ.
  24. Hearne, „Journey”, p. 383.
  25. Maclaren, հոդված „America” Encyclop. Britannica-ում։
  26. Ազարան ասում է „Le crois que la quantité annuelle des pluies est dans toutes ces contrées, plus considerable qu’en Espagne։ (Ես կարծում եմ, որ մթնոլորտային տեղումների տարեկան այս քանակն այս երկրում ավելի է, քան Սպանիայում)”. Vol. I, p. 36.
  27. Հարավային Ամերիկայում բոլորը միասին հավաքեցի մկների քսանյոթ տեսակ, իսկ, ըստ Ազարայի և այլ հեղինակների վկայությունների՝ պետք է որ դարձյալ տասներեք տեսակ լինի։ Իմ հավաքած մկները նկարագրվել և անվանվել են զոոլոգիական ընկերության հավաքույթներում՝ մր. Ուոթըրհաուզի կողմից։ Օգտագործելով այս հարմար առիթը, արտահայտելու եմ իմ ջերմագին շնորհակալությունները մր. Ուոթըրհաուզին և ընկերության մյուս անդամներին՝ բոլոր խնդիրներում ցույց տված իրենց բարի և ազնիվ օգնության համար։
  28. Իմ հերձած մի կապիբարայի ստամոքսում և տասներկումատնյա աղիքում գտա մեծ քանակությամբ նոսր դեղնագույն հեղուկ, որի մեջ հազիվ թե նկատվեր մի որևէ թել։ Մր. Օուենն ասում էր որ որկորի մեծ մասն այնպես է կառուցված, որ ոչ մի կոշտ բան չի կարող վար գնալ։ Նրա լայն ատամները և ուժեղ ծնոտն այնպես են հարմարեցված, որ շատ լավ կարող են մանրել և խյուս դարձնել իրենց սնունդ կազմող ջրային բույսերը։
  29. Ռիո Նեգրոյում (Հյուսիսային Պատագոնիա) կա մի կենդանի, որն ունի նույն սովորությունները և հավանորեն շատ մոտիկ է այս կենդանուն։ Ես նրան բոլորովին չեմ տեսել. նրա ձայնը Մալդոնադոյի տեսակից տարբերվում է նրանով, որ նա երեք-չորս անգամ կրկնելու փոխարեն կրկնում է երկու անգամ, և ավելի պարզ է ու հնչուն։ Երբ սրա ձայնը լսվում է որոշ հեռավորությունից, այնքան նման է կացնով մի փոքր ծառ կտրելու ձայնին, օր երբեմն ինձ կասկածի տեղիք է տվել, և կացնի ձայնը վերագրել եմ սրան։
  30. „Philosoph. Zoolog.”, tome I, p. 242.
  31. „Magazine of Zoology and Botany”, vol. I, p. 217.
  32. Կարդացված Փարիզի Գիտությունների Ակադեմիայում. „L’Institut”, 1834, p. 418.
  33. „Geological Transactions”, vol. II, p. 528։ „Philosophical Transactions”-ում (1790, p. 294) դր. Պրիստլին նկարագրել է մի քանի թերի սիլիցիումային խողովակներ և կվարցի հալված մի խիճ, որոնք գտել է մի ծառի տակ գետինը փորելիս, որտեղ կայծակից մեռել էր մի մարդ։
  34. Annales de Chimie et de Physique, tome XXXVII, p. 319.
  35. Ազարա, „Voyage”, vol. I, p. 36։
  36. Կորալը բարձր և ուժեղ ցցերով շրջապատված մի փակ տարածություն է։ Յուրաքանչյուր էստանսիա կամ ֆերմա իրեն կից ունի այսպիսի մի տեղ։
  37. Հնդկական հյուղակները կոչվում են տոլդոներ։
  38. Report of the Agricult. chem. Assoc. „Agricult. Gazette”-ում, 1845, p. 93.
  39. „Linnean Trans.”, vol. XI, p. 205. Նշանակալից է այն, թե ինչպես աղի լճերի հետ կապված բոլոր պայմանները Սիբիրում և Պատագոնիայում միևնույնն են։ Սիբիրը Պատագոնիայի նման ըստ երևույթին երկրաբանական վերջին ժամանակներն է դուրս եկել ծովի ջրի տակից։ Երկու երկրում էլ աղի լճերը գրավում են հարթավայրի ծանծաղ փոսերը, երկուսումն էլ եզրերի տիղմը սև է և գարշահոտ։ Սովորական աղի կեղևի տակ կան նատրիումի կամ մագնեզիումի ոչ կատարելապես բյուրեղացած սուլֆատներ, և երկուսումն էլ տղմոտ ավազի մեջ խառը լինում են գիպսի ոսպնյակներ։ Սիբիրի աղային լճերում բնակվում են փոքր խեցային կենդանիներ, որտեղ նույնպես հաճախակի այցելում են ֆլամինգոներ („Edin. New philos. Jour.”, Jan. 1830)։ Որովհետև այս երկու հանգամանքները, որոնք, ըստ երևույթին, չնչին բաներ են երևում, պատահում են երկու իրարից հեռու երկրամասերում, ուստի մենք կարող ենք վստահ ասել, որ սրանք ընդհանուր պատճառների անհրաժեշտ արդյունքներն են.— Տես Pallas’s „Travels”, 1793—1794, p. 129—134։
  40. Անգլիական ֆունտը 453 գրամ է։ Ծ. Թ.
  41. Ճահճուտ տեղեր, որտեղ որոշ աղեր, օրինակ՝ սալպետրը, չոր եղանակին պնդանում և կեղև են կազմում։ Ծ. Թ.
  42. Մեկ փարսախը մոտ 4 կիլոմետր է։ Ծ. Թ.
  43. Մեծ հաճույքով և ամենաանկեղծ բառերով արտահայտում եմ իմ երախտապարտությունը Բուենոս Այրեսի կառավարությանը՝ իր պարտավորիչ վերաբերմունքի համար, որով տվեց ինձ անցագիր երկրի բոլոր մասերի համար՝ որպես «Բիգլ»-ի բնագետի։
  44. Այս նախագուշակումը դժբախտաբար ամբողջովին սխալ դուրս եկավ։ 1845 թիվ։
  45. Սպանացիները այսպիսի տեղերն անվանում են սալիտրալներ. այդ անունը դրանց համար ճիշտ չէ։ Նրանք այս նյութը շփոթում են սալպետրի հետ։
  46. Voyage dans I’Amèrique Mérid., par M. A. d’Orbigny. Part. Hist., tome. I, p 664.
  47. Մի թռչուն, որն իր բունը շինում է հնոցի նման։ Ծ. Թ.
  48. „Principles of Geology”, vol. IV, p. 40.
  49. Այս տեսությունն առաջին անգամ արծարծվել է „Zoology of the Voyage of the Beagle”-ում և այնուհետև պրոֆեսոր Օուենի „Memoir on Mylodon robustus”-ում։
  50. „Travels in the Interior of South Africa”, vol. II, p. 207.
  51. Սպանված փղի քաշը (մարմնի մի մասն է կշռված) հաշվում են հինգ և կես տոնն։ Ինձ ասում էին, որ էգ փիղը կշռում է մեկ տոնն պակաս. այսպիսով, լրիվ աճած փղի միջինը կարող ենք ընդունել հինգ տոնն։ Սըրեյի Գարդընսում (Կենդանաբանական այգի) ինձ ասում էին, որ Անգլիա ուղարկված մի գետաձի, որը կտորների էր բաժանված, կշռել է երեք և կես տոնն. մենք կընդունենք երեք։ Հիմնվելով այս թվերի վրա՝ հինգ ռնգեղջյուրներից յուրաքանչյուրին կարող ենք տալ երեք և կես տոնն կշիռ. ընձուղտին թերևս կարելի է տալ մեկ տոնն, քաֆիրական ցուլին, ինչպես և որմզդական եղջերուին՝ կեսական տոնն յուրաքանչյուրին (մի մեծ եզ կշռում է 1200-ից 1500 ֆունտ)։ Այս տասն ամենամեծ խոտակեր կենդանիների, որոնք ապրում են Հարավային Աֆրիկայում, կշռի միջինը կլինի 2,7 տոնն յուրաքանչյուրինը։ Հարավային Ամերիկայում, եթե երկու տապիրներին միասին հաշվելու լինենք 1200 ֆունտ, գուանակոյինը և վիգոնինը 550, երեք եղջերուներինը՝ 500, ջրախոզինը, պեկարինը և մի կապկինը միջին հաշվով ընդունելով 300 — կստանանք միջինը 250 ֆունտ, որն, իմ կարծիքով, դեռ մեծացրած է։ Այսպիսով երկու երկրների տասն ամենամեծ կենդանիների հարաբերությունը կլինի 6048-ը 250-ի, կամ 24-ը 1-ի։
  52. Ենթադրենք, որ հետագայում Գրենլանդիայում բրածո վիճակում գտնվի մի կետի կմախք, երբ ոչ մի կետազգի գոյություն չունենա։ Ի՞նչ բնագետ կարող է համարձակվել ենթադրելու, որ այդպիսի մի հսկայական մնացորդ ունեցող կենդանին ապրել է փոքրիկ խեցիներով և մոլուսկներով, որոնք ապրում են ծայրագույն հյուսիսի սառչող ծովերում։
  53. Տես դոկտոր Ռիչարդսընի „Zoological Remarks to Capt. Back’s Expedition” աշխատությունը։ Նա ասում է, որ «56° լայնությունից հյուսիս ենթահողն ամբողջ տարին սառած է. ափերին սառցի հալումը երեք ոտնաչափից խորը չի թափանցում, իսկ Արջի լճում (64° լայնություն) հազիվ է հասնում քսան մատնաչափի։ Սառած ենթաշերտը չի ոչնչացնում բուսականությունը, որովհետև նույն գետնի վրա, ափից որոշ չափով հեռու, անտառներ են աճում»։
  54. Տես Հումբոլտի „Fragments Asiatiques”, էջ 386. Բարտոնի „Geography of Plants” և Մալտե Բրյունին։ Վերջին աշխատության մեջ ասված է, որ Սիբիրում ծառերի աճման սահմանը կարելի տանել 70° զուգահեռականով։
  55. Sturt’s „Travels”, vol. II, p. 74.
  56. Մի գաուչո ինձ հավատացնում էր, որ ինքը մի անգամ տեսել է ձյան չափ սպիտակ ջայլամ, այն է՝ ալբինո փոփոխակը, օրը եղել է վերին աստիճանի գեղեցիկ թռչուն։
  57. Burchell’s „Travels”, vol. I, p. 280.
  58. Azara, vol. IV, p. 173.
  59. Սակայն Լիխտենշտայնն ասում է („Travels”, vol. II, p. 25), որ էգերն սկսում նստել տասը կամ տասներկու ձու ածելուց հետո, և շարունակում են ածելը, հավանորեն այլ բներում։ Ինձ թվում է, թե այս շատ անհավանական է։ Նա պնդում է, որ թխսելու ժամանակ միանում են չորս կամ հինգ էգ ջայլամ և մեկ արու, որը նստում է միայն գիշերը։
  60. Ռիո Նեգրոյում եղած ժամանակ մեզ պատմում էին այս բնագետի անխոնջ աշխատանքի մասին։ Մր. Ալսիդ Դորբինին 1825-ից 1883 թվերի ընթացքում ճանապարհորդել է Հարավային Ամերիկայի մի քանի մեծ երկրները և կազմել է մի կոլեկցիա և այժմ հրատարակում է իր արդյունքներն այնպիսի հոյակապ ծավալով, որ նրան դնում է Ամերիկայում ճանապարհորդների ցուցակում երկրորդ տեղը, առաջինը լինելով Հումբոլտը։
  61. „Account of the Abipones”, a. d. 1749,vol. I. (անգլիական թարգմանությունը), p. 314.
  62. Այստեղ և այլ տեղերում բարեխառնության աստիճանները հաշված Ֆարենհայտով։ Ծ. Թ.
  63. Այն խոռոչները, որոնք սկսվում են ծայրի մսոտ խորշերից, լցված էին դեղին խյուսանման նյութով, որոնք միկրոսկոպի տակ ունեին արտաքո կարգի տեսք։ Այդ զանգվածը բաղկացած է կլորացրած, կիսաթափանց, անկանոն հատիկներից, որոնք համախմբվելով միասին կազմում են տարբեր մեծության մասնիկներ։ Այս բոլոր մասնիկները և առանձին հատիկներն ունեին արագ շարժվելու ունակություն, սովորաբար պտտվում էին տարբեր առանցքների շուրջը, բայց երբեմն այդ լինում էր առաջընթաց։ Շարժումը նկատելի էր շատ թույլ խոշորացման տակ, բայց մինչև անգամ ամենաբարձր խոշորացման տակ հնարավոր չէր լինում նրա պատճառը նկատել։ Նա խիստ տարբերվում էր այն հեղուկի շրջանառությունից, որը գտնվում է առաձգական տոպրակում, և վերջինս գտնվում է առանցքի բարակ վերջավորության վրա։ Մի ուրիշ անգամ ծովային փոքր կենդանիները միկրոսկոպի տակ անդամահատելիս ես նկատել եմ խյուսանման մասնիկներ. մի քանիսը բավականին մեծ լինելու պատճառով, հենց որ ազատվում էին, սկսում էին պտտել։ Չգիտեմ, թե որչափ եմ սխալվում, բայց ինձ միշտ այնպես է թվացել, որ այս գնդաձև խյուսային նյութը գտնվում էր ձվերի փոխարկվելու պրոցեսում։ Այս զոոֆիտի մոտ բոլոր նշաններն այդ էին ապացուցում։
  64. Kerr’s „Collection of Voyages”, vol. VIII, p. 119.
  65. Purchas’s „Collection of Vojages”. կարծում եմ, որ իրական թիվը 1537-ն է։
  66. Ազարան մինչև անգամ կասկածում է, թե երբևէ պամպասների հնդիկները կարող էին աղեղ գործածած լինել։
  67. Ես այս բույսն անվանում եմ ուղտափուշ, որովհետև ավելի հարմար անուն չկա։ Իմ կարծիքով Eringium-ի մի տեսակն է։
  68. „Travels in Africa”, p. 233.
  69. Մահոգանի — ծառ, որի փայտն ունի կարմիր գույն։ Ծ. Թ.
  70. Ռոզա Սալվադոր — իտալացի նկարիչ (1615—1673)։ Ծ. Թ.
  71. Տինամուսի երկու տեսակը և Ա. Գ’Օրբինի Eudromia elegans-ը, որը կաքավ է անվանվում միայն իր սովորությունների շնորհիվ։
  72. „History of the Abipones”, vol. II, p. 6.
  73. Falconer’s „Patagonia”, p. 70.
  74. Ամերիկյան հովազ։ Ծ. Թ.
  75. „Fauna Boreali-Amerikana”, vol. I, p. 35.
  76. Տես Mr. Atwater’s Account of the Prairies in Silliman’s N. A. Journal, vol. 1, p, 117.
  77. Azara’s „Voyage” vol. I, p. 373. «Այս ձիերը (վայրի) համառորեն նախընտրում են ճանապարհները և ճանապարհի եզրերն իրենց արտաթորությունների համար, այդ է պատճառը, որ այս վայրերում միշտ գտնվում են աղբի կույտեր»։
  78. Ա. դ’Օդրինին (հատ. I, էջ 474) ասում է, որ կարդոնը և արտիշոկը երկուսն էլ գտնվում են վայրի վիճակում։ Դոկտոր Հուկերը (Botanical Magazine, vol. LV, p. 2862) inermis անունով նկարագրել է ցինարայի մի փոփոխակը, որը գտնվում է Հարավային Ամերիկայի այս մասում։ Նա ասում է, որ բուսաբաններն ընդհանրապես այն կարծիքին են, որ կարդոնը և արտիշոկը միևնույն բույսի փոփոխակներն են։ Ես կարող եմ ավելացնել և այն, որ մի կրթված երկրագործ ինձ հավատացնում էր, որ մի ամայի պարտեզում նա նկատել է արտիշոկներ, որոնք հետագայում փոխվել են հասարակ կանգարի։ Ըստ դոկտոր Հուկերի՝ Հեդի նկարագրությունը պամպասներում եղած մի ուղտափշի մասին վերաբերում է կարդոնին, բայց այդ սխալ է։ Կապիտան Հեդի նկարագրությունը վերաբերում է մի բույսի, որ ես հիշատակելու եմ մի քանի տող ստորև՝ հսկա երնջնակ անունով։ Թե այդ իսկական ուղտափուշ է, թե ոչ — այդ ես չգիտեմ, բայց նա բոլորովին տարբերվում է կարդոնից և շատ ավելի նման է սովորական ուղտափշին։
  79. Ասում են, որ այդ քաղաքը 60 000 բնակիչ ունի։ Երկրորդ քաղաքը՝ Մոնտեվիդեոն, որը գտնվում է Պլատայի ափերին, 15 000 բնակիչ ունի։
  80. Անգլիական մղոնը հավասար է 1610 մետրի։ Ծ. Թ.
  81. Աշխարհագրական մղոնը հավասար է 1830 մետրի։ Ծ. Թ.
  82. Վիսկաշան (Lagostomus trichodactylus) որոշ կողմերով նման է մեծ ճագարի. նրանից տարբերվում է էր կծող մեծ ատամներով և երկար պոչով։ Ագուտիի նման նա հետևում ունի երեք ոտնամատ։ Վերջին երեք չորս տարիներն այս կենդանիների մորթիներն արտահանվել են Անգլիա՝ մորթեղեն հագուստների համար։
  83. Juornal of Asiatic Soc., vol. V, p. 363.
  84. Հազիվ թե կարիք լինի այստեղ հիշատակելու, որ բազմաթիվ ապացույցներ կան Կոլումբոսի ժամանակ Ամերիկայում ձի գոյություն ունենալու դեմ։
  85. Cuvier, „Ossements fossiles”, tome I, p. 158.
  86. Այս աշխարհագրական բաժանմանը հետևել են Լիխտենշտեյնը, Սուենսընը, Էրիկսեընը և Ռիչարդսընը։ Վերա Կրուզից Ակապուլկո տարածվող երկրամասը, որի մասին Հումբոլտը իոսում է „Political Essay on kingdom of N. Spain”-ում, ցույց է տալիս, թե ինչպիսի մի ահռելի պատվար է ներկայացնում մեքսիկյան սարահարթը։ Դոկտոր Ռիչարդսընը իր «Հյուսիսային Ամերիկայի զոոլոգիան» երևելի աշխատության մեջ, որը զեկուցել է Բրիտանական Ասոցիացիային 1836 թ. (էջ 157), խոսելով մի մեքսիկյան կենդանու և Symetheres Prehensilis-ի նույնության մասին՝ ասում է. «Մենք չգիտենք, թե որչափ ճիշտ է այդ, բայց բոլոր դեպքերում, եթե այս եզակի դեպք չէ, շատ էլ հեռու չէ, որ մի կրծող կենդանի տարածված լինի և՛ Հյուսիսային, և՛ Հարավային Ամերիկաներում»։
  87. Տես Դոկտոր Ռիչաըդսընի „Report”, էջ 157, ինչպես և L’institut, 1837, էջ 253։ Կյուվյեն ասում է, որ կինկաժուն գտնվում է մեծ Անտիլներում, բայց այս կասկածելի է։ Պ. Ժերվեն նշում է, որ այնտեղ կա Dիdelphis concrivora։ Հայտնի է, որ Վեստ-Ինդիայում կան կաթնասուններ, որոնք շատ յուրահատուկ են։ Բահամայում գտնվել է մաստոդոնի ատամ. Edin. New Phil. Journ. 1826, p. 395.
  88. Տես „Beechy’s Voynge”-ում դոկտոր Բըքլենդի սքանչելի լրացումները, ինչպես և Շամիսոյի հոդվածը „Kotzebu’es voyage”։
  89. Կապիտան Օուենի „Surveying voyage”-ում (հատ. 2, էջ 274) կա փղերի մասին մի շատ հետաքրքրական պատմությnւն, որը տեղի է ունեցել Բենգուելայում (Աֆրիկայի արևմտյան ափին) երաշտի ժամանակ։ Այս կենդանիներից մի խումբ միասին մտնում են քաղաքը՝ ջրհորները գրավելու նպատակով, որովհետև քաղաքից դուրս ոչ մի տեղ ոչ մի կաթիլ ջուր չէին կարողացել գտնել։ Բնակիչները հավաքվում են այս ասպատակներին դիմադրելու համար. տեղի է ունենում մի հուսահատական պայքար, որը վերծանում է արշավողների կատարյալ պարտությամբ, բայց այդ այնքան էլ էժան չի նստում քաղաքի բնակիչներին. նրանք տալիս են մեկ զոհ և բազմաթիվ վիրավորներ։ Քաղաքն ունեցել է մոտ երեք հազար բնակիչ։ Դոկտոր Մալկոլմսոնը պատմում է, որ Հնդկաստանում մի մեծ երաշտի ժամանակ Էլլորում վայրի կենդանիները մտնում են զինվորների վրանը, և մի նապաստակ ջուրը խմում է բաժակից, որը բռնած է լինում գնդի ադյուտանտը։
  90. „Travels”, vol. I, p. 374.
  91. Կարելի է ասել, որ այս երաշտները որոշ չափով պարբերական են։ Ինձ պատմում էին մի քանի այլ երաշտների թվականների մասին, որոնց ինտերվալները մոտավորապես տասնհինգ տարի են։
  92. Մր. Ուոթըրհաուզը պատրաստել է այս գլխի մանրամասն նկարագրությունը, որը հավանորեն կհթատարակվի մի թերթում։
  93. Գրեթե նման մի աննորմալ կառուցվածք, որի ժառանգական լինելը թեև ինձ հայտնի չէ, նկատվել է նաև ծածան ձկան մոտ, ինչպես նաև Գանգեսի կոկորդիլոսների մոտ. „Histoire des AnomaIIes” par M. Isid. Geoffroy St. Hilaire, tome I, p. 244.
  94. Նման տեղեկություններ այս շների մասին տալիս է նաև Մ. Ա. դ’Օրբինին, tome I, p. 175։
  95. Մեկ կրոնը հավասար է հինգ շիլինգի, կամ մոտավորապես երկու ռուբլի քառասուն կոպեկի։ Ծ. Թ.
  96. Ես պետք է արտահայտեմ իմ երախտապարտությունը մր. Կինին, որի տանն էի մնում Բերկելոյում գտնված ժամանակս, և Բուենոս Այրեսում ապրող մր. Լըմբին, որովհետև առանց նրանց օգնության այս արժեքավոր մնացորդները երբեք Անգլիա չէին հասնի։
  97. Սալա սպաներեն նշանակում. է մեծ սենյակ, ընդունարան, պալատ։ Ծ. Թ.
  98. Լայելի „Principles of Geology”, հատ. III, էջ 63։
  99. Այն ճանճերը, որոնք հաճախ մի քանի օր լինում են նավի հետ, երբ վերջինս նավահանգստից նավահանգիստ է անցնում, հեռանում են նավից և շուտով կորչում ու բոլորն էլ ոչնչանում են։
  100. Մր. Բլեկուոլն իր „Researches in Zoology” աշխատության մեջ սարդերի սովորությունների վերաբերյալ բազմաթիվ արժեքավոր դիտողություններ ունի։
  101. Այս աշխատության համառոտ բովանդակությունը տրված- է „Magazine of Zoology and Botany”-ի IV համարում։
  102. Սովի նավահանգիստ։ Ծ. Թ.
  103. Այստեղ ես գտա կակտուսի մի տեսակ, որը նկարագրել է պրոֆեսոր Հենսլոն Opuntia Darwinii անունով (Magasine of Zoology and Botany, vol. I, p. 466), որը հայտնի էր իր առեչների գրգռականությամբ. այդ բանը նկատվում էր, երբ ծաղկի մեջ մտցնում էի փայտի մի ձողիկ կամ մատիս ծայրը։ Պարածողկի թերթիկները ևս փակվում էին սերմնափակի վրա, բայց ավելի դանդաղ, քան առեչները։ Այս ընտանիքի բույսերը, որոնք սովորաբար համարվում են արևադարձային բույսեր, տարածված են և Հյուսիսային Ամերիկայում (Lewis and Claike’s „Travels”, p. 221). միևնույն լայնության վրա, այսինքն երկու երկրումն էլ 47° վրա։
  104. Այս միջատները մեծ քանակություններով գտնվում են քարերի տակ։ Մի անգամ ես գտա իր նմանն ուտող մ ի կարիճ. նա շատ հանգիստ կուլ էր տալիս մի ուրիշ կարիճի։
  105. Հռչակավոր ծովագնաց, հայտնաբերել է բազմաթիվ կղզիներ (1723—1783)։ Ծ. Թ.
  106. Շելլի, տողեր Մոնբլանի մասին։
  107. Վերջերս ես լսել եմ, որ կապիտան Սելիվանը գտել է բազմաթիվ բրածո ոսկրներ, որոնք թաղված են եղել կանոնավոր շերտերում, Գալեգոս գետի ափերին, 5°24՛ լայնության տակ։ (Ոկրներից մի քանիսը մեծ են, մյուսները փոքր և, ըստ երևույթին, պատկանում են մի զրահակրի։ Այս շատ կարևոր և հետաքրքրական հայտնագործում է։
  108. Նայել այս նյութի վերաբերյալ մր. Լայելի հրաշալի դիտողությունները „Principles of Geology” աշխատության մեջ։
  109. Կոնդորները սատկելուց մի քանի ժամ առաջ ես դիտում էի նրանց մահը։ Նրանց նեղող բոլոր ոջիլները սողում էին դեպի փետուրների դրսի կողմը։ Ինձ հավատացնում էին, որ սատկելու ժամանակ միշտ ոջիլները դուրս են գալիս։
  110. London’s Magazine of Nat. Hist, vol, VII.
  111. Մեր ճանապարհորդությունից հետո լույս տեսած տեղեկագրերի և առանձնապես հետախույզ՝ կապիտան Սելիվանի մի քանի հետաքրքրական նամակների ընթերցումից այնպես է թվում, որ այս կղզիների կլիմայի վատության մասին մեր արած դիտողությունները չափազանցություն են։ Բայց երբ ես նորից աչքերիս առջև եմ բերում գրեթե համատարած տորֆի ծածկոցը և այն փաստը, որ ցորենը շատ հազվադեպ է հասնում այստեղ, դժվարանում եմ հավատալ, որ ամառն այստեղ այնպես գեղեցիկ է և չորային, ինչպես այդ ներկայացնում են վերջերս։
  112. Մեկ փաունդը 453 գրամ է։ Ծ. Թ.
  113. Lesson’s Zoology of the Voyage of the Coquille, tome I, p. 168. Բոլոր նախկին ծովագնացները և մասնավորապես Բուգենվիլը որոշակիորեն պնդում են, որ կղզու միակ տեղական կենդանին գայլանման աղվեսն է եղել։ Ճագարը որպես տեսակ տարբերում են՝ նկատի ունենալով նրա մորթու առանձնահատկությունները, գլխի ձևը և ականջների կարճությունը։ Այստեղ ես կարող եմ նկատել, որ անգլիական և իռլանդական նապաստակների մեջ գոյություն ունեցող տարբերությունը ևս հիմնվում է գրեթե միևնույն հատկանիշների վրա, միայն թե տարբերություններն այստեղ ավելի են աչքի ընկնում։
  114. Ես հիմք ունեմ ենթադրելու, որ այստեղ գոյություն ունի նաև մի դաշտային մուկ։ Եվրոպական սովորական առնետը և մուկը գաղթականների բնակավայրերից թափառել են բավականին հեռու։ Կղզյակներից մեկում սովորական խոզը ևս վայրենացել է. այստեղ նա սև գույն ունի։ Այս խոզերը վերին աստիճանի կատաղի են և մեծ ժանինքներ ունեն։
  115. „Culpeu” — այդ Canis Magellanicus-ն է, որը Մագելլանի նեղուցից մեզ մոտ է բերել կապիտան Կինգը։ Նա շատ տարածված է Չիլիում։
  116. Pernety. Voyage aux Isles Malouines, p. 523.
  117. „Nous n’avous pas été moins saisis d’étonement a la vûe de l’innombrable quantité pierres de toutes grandeurs, bouleversées les unes sur les autres, et cependant rangées, comme si elles avoient été amoncelées négligemment pour remplir des ravins. On ae se lassoit pas d’admirer les effete prodigieux de la nature”,— Pernety, p. 526.
    «Քիչ չէր մեր զարմանքը, տեսնելով անհաշիվ թվով ամեն մեծության քարեր, որոնք իրար վրա տապալված, բայց կարծեք թե անփույթ կերպով կիտված էին հեղեղատները լցնելու համար։ Չէր կարելի դադարել բնության հրաշալի գործերով սքանչանալուցս»։ Pernety p. 526.
  118. Մենդոզայի բնակիչներից մեկը, որն այդ խնդրում պետք է լավ դատող լինի, ինձ վստահացնում էր, որ այն մի քանի տարիների ընթացքում, որ ինքը եղել է այս կղզիներում, երկրաշարժի ամենաչնչին ցնցում անգամ չի զգացել։
  119. Հացաբույսերի ընտանիքի մի խոտաբույս (Dactylis cespitosa)։ Ծ. Թ.
  120. Մի մեծ սպիտակ դորիսի (այս ծովային խխունջն ուներ երեք և կես մատնաչափ երկարություն) ձվերը հաշվելիս ես զարմացել էի, թե ո՛րչափ շատ էին նրանք թվով։ Երկուսից—հինգ ձու (յուրաքանչյուրի տրամագիծը մեկ մատնաչափի մեկ երեքհազարերորդական էր) միասին լինում էին գնդաձև փոքր արկղներում. սրանք դասավորված էին երկու խորը տրանսվերս շարքերով) կազմելով մի ժապավեն։ Ժապավենն իր ծայրով ձվաձև պարու֊յրով կպած էր ժայռին։ Իմ գտածներից մեկն ուներ քսան մատնաչափ երկարություն և կես մատնաչափ լայնություն։ Հաշվելով մի շարանում մեկ տասերորդ մատնաչափում եղած գնդակները և ամբողջ ժապավենում եղած շարանները, ապա մեկ ժապավենում պետք է լինի առնվազն վեց հարյուր հազար ձու։ Սակայն այս դորիսը շատ տարածված չէր, թեև ես հաճախ փնտրում էի քարերի տակ, բայց միայն յոթ հատ գտա։ Ոչ մի սխալմունք այնքան սովորական չէ բնագետին, որքան տեսակի թիվն իր բազմանալու կարողության հետ կապելը։
  121. Բըթըն զնգլերեն նշանակում է կոճակ։ Ծ. Թ.
  122. Մեկ ակրը հավասար է 0,4 հեկտարի։ Ծ. Թ.
  123. (Drimys Winteri-ն մագնոլիա ընտանիքին պատկանող փոքր ծառ է և տարածված է Մեքսիկայից մինչև Չիլի և Մագելլանի նեղուցը։ Ծ. Թ.
  124. Ֆարենհայտի ջերմաչափով։ Ծ. Թ.
  125. Այդ նյութը չոր վիճակում բավականին հաստատուն է, փոքր տեսակարար կշռով. պրոֆեսոր Էրենբերգն ուսումնասիրել է այն. նա նշում է (Königl. Akad. der Wissen. Berlin, Feb. 1845), որ այդ նյութը թաղկացած է ինֆուզորիաներից՝ ներառելով տասնչորս պոլիդաստրիկա և շորս ֆիտոլիթարիա։ Նա ասում է, որ դրանք բոլորն էլ անուշահամ ջրի բնակիչներ են։ Այս մի գեղեցիկ օրինակ է պրոֆեսոր Էրենբերգի միկրոսկոպային հետազոտություններից ստացված արդյունքի տեսակետից, որովհետև Ջեմմի Բըթընն ինձ ասում էր, որ այդ նյութը միշտ հավաքում են լեռնային առվակների հատակին։ Բացի այդ, այս կարևոր փաստ է նաև ինֆուզորիաների աշխարհագրական տարածման տեսակետից (դրանք հայտնի են որպես լայն տարածում ունեցողներ). այս նյութի բոլոր տեսակները, թեև բերված Հրո Երկրի ամենահարավային ծայրից, հին, ծանոթ ձևեր են։
  126. Ստենտոր — «Իլիականի» մեջ Տրոյական պատերազմում մունետիկ է, որն հայտնի էր իր բարձր ձայնով. այս պատճառով էլ բարձր ձայները կոչվում են ստենտորային ձայներ։ Ծ. Թ.
  127. Մի օր Հրո Երկրի արևելյան ափից հեռու տեսանք, մի հոյակապ տեսարան. մի քանի գեր կետեր գրեթե ամբողջությամբ, բացառությամբ պոչի լողաթևերի, թռչում էին ջրից դուրս։ Երբ նրանք նորից ընկնում էին կողքի վրա, ջուրը ցայտեցնում էին դեպի վեր, և առաջացած ձայնն արձագանքում էր ինչպես մի հեռավոր թնդանոթային համազարկ։
  128. Կապիտան Սելիվանը, որը Բիգլով կատարած իր ճանապարհորդությունից հետո զբաղված է եղել Ֆալկլանդական կղզիները չափելով, լսել է մի փոկորսից (1842 թ.), որ վերջինս Մագելլանի նեղուցի արևմտյան մասում եղած ժամանակ շատ է զարմացել՝ տեսնելով, որ նավն է գալիս մի տեղացի կին, որը կարողացել է անգլերեն խոսել։ Անկասկած այս կինը պետք է Ֆուեգիա Բասկետը եղած լինի։ Նա ապրել է (վախենում եմ թե այս տերմինը հավանորեն կրի կրկնակի մեկնաբանություն) մի քանի օր նավի մեջ։
  129. Փայտյա նետելու կոր գործիք, որը գործածում են Ավստրալիայի բնիկները հետապնդումների և կռվի ժամանակ։ Ծ. Թ.
  130. Հարավ-արևեմտյան զեփյուռները սովորաբար շատ չոր են լինում։ Հունվարի 29-ին մենք խարիսխ էինք գցել Գրեգորիի հրվանդանի մոտ. փչում էր ուժեղ փոթորիկ WՏ (արևմուտք-հարավ), երկինը պարզ էր, երբեմն երևում էին ամպակույտեր. ջերմաստիճանը 57° ցողի կետը 30° — տարբերություն 21°։ Հունվարի 15, Պորտ Սեն Խուլիանում. առավոտյան թեթև քամիներ առատ անձրևով, որին հաջորդեց հանկարծակի երևացող ուժեղ քամի, միաժամանակ և անձրև — փոխվելով ուժեղ մրրկի՝ մեծ ամպակույտերով — պարզում, ուժեղ փչելով SSW-ից (հարավ—հարավ-արևմուտք), ջերմաստիճանը 60°, ցողի կետը 42° — տարբերությունը 18°։
  131. Վեց ոտնաչափը հավասար է 183 սանտիմետրի։ Ծ. Թ.
  132. Rengger, „Natur geschichte der Saeugethiere von Paraguay”, S. 334.
  133. Կապիտան Ֆից Ռոյն ինձ տեղեկացնում է, որ ապրիլին (մեր հոկտեմբերին) լեռների ստորոտում աճող ծառերի տերևներն իրենց գույնը փոխում են, բայց համեմատաբար վերևում գտնվողները չեն փոխում։ Ես հիշում եմ, որ կարդացել եմ մի դիտողություն, որտեղ ասված է, որ.Անգլիայում տերևները, տաք և արևոտ աշուն լինելու դեպքում, ավելի շուտ են թափվում, քան ուշ և ցուրտ աշուններին։ Ա,յստեղ գույնի փոփոխություն տեղի չունենալու հանգամանքը բարձր մասերում, ուրեմն և համեմատաբար սառը պայմաններում, պետք է որ կապված լինի բուսական միևնույն ընդհանուր օրենքի հետ։ Հրո Երկրի ծառերը տարվա ոչ մի ժամանակ տերևաթափ չեն լինում։
  134. Այս սունկը նկարագրված է հիմնվելով իմ ունեցած նմուշների և Ե. Մ. Բերկլիի դիտողությունների, վրա, „Linneau Transactions” vol. XIX., p. 3)-ում Cyttarie Darwinii անվան տակ։ Չիլիական տեսակը C. Berteroii-ն է։ Այս սեռն ազգակից է Bulgaria-ին։
  135. Բացառությամբ մի ալպյան տեսակի, Haltica, և մի մելազոմայի։ Մր. Ուոթըրհաուզն ինձ տեղեկացնում է, որ Harpalidae-ներից այստեղ կա ութ կամ իննը տեսակ — ավելի մեծ թվով պատահող ձևերը չափազանց յուրահատուկ են։ Heteromera-ներից կա չորս կամ հինգ տեսակ, Rhyncophora-ներից՝ վեց կամ յոթ. իսկ Staphylinidae, Elateridae, Cebrionidae, Melonothidae-ներից՝ յուրաքանչյուրից մեկական տեսակ։ Իսկ մյուս կարգերի տեսակները մինչև անգամ ավելի սակավաթիվ են։ Բոլոր կարգերում մինչև անգամ անհատների սակավությունն ավելի շատ է աչքի զարնում, քան տեսակներինը։ Coleoptera-ների մեծ մասը շատ խնամքով նկարագրել է մր. Ութըրհաուզը „Annals of Natural History”-ում։
  136. Նրա աշխարհագրական տարածումն զգալիորեն լայն է, սկսած ամենահարավում գտնվող կղզիներից՝ Հոռն հրվանդանից մինչև հյուսիս-արևելյան ափի 43° լայնությունը (համաձայն մր. Ստոքսի կողմից տրված տեղեկության). իսկ արևմտյան ափին, ինչպես դոկտոր Հուկերն է ասում, նա տարածվում է մինչև Ռիո Սան Ֆրանցիսկո (Կալիֆորնիա), իսկ գուցե և մինչև Կամչատկա։ Այսպիսով մենք ունենք լայնության մի ընդարձակ գոտի. և Կուկը, որը պետք է լավ ծանոթ լինի այս տեսակներին, այս բույսից գտել է Կերգելենի Երկրում, ոչ պակաս քան 140° երկայնության վրա։
  137. Գրկաչափը վեց ոտնաչափ է։ Սկզբներում գրկաչափը մի մարդու հորիզոնական դիրքով պարզած երկու թևերի երկարության է եղել։ Ծ. Թ.
  138. „Voyage ot the Adventure and Beagle”, vol. I, p. 363.— Ըստ երևույթին ծովախոտն աճում է վերին աստիճանի արագ։ Մր. Ստեֆենսոնը գտել է, որ (Wilson’s „Voyage round Scotland”, vol. II, p. 228) մի ժայռ, որը մերկացված է եղել գարնանային մակընթացության ժամանակ և մաքրվել հղկվել է նոյեմբերին, հաջորդ մայիսին, այսինքն վեց ամիս հետո, արագ ծածկված է եղել երկու ոտնաչափ երկարությամբ Fucus digitatus և վեց ոտնաչափ F. esculentus-ով։
  139. Աղյուսակում բերված թվերը ըստ Ֆարենհայտի ջերմաստիճանների են։ Ծ. Թ.
  140. Ինչ վերաբերում է Հրո Երկրին, այս տվյալները վերցված են կապիտան Կինգի դիտողություններից („Geografical journal”, 1830) և «Բիգլ»-ի ճանապարհորդության ժամանակ կատարված չափումներից։ Իսկ Ֆալկլանդական կղզիներին վերաբերող տեղեկություններն ինձ հաղորդել է մր. Սելիվանը. նա երեք ամենատաք ամիսներին, այսինքն դեկտեմբերին, հունվարին և փետրվարին զգուշ և հոգատար չափումներից հետո (առավոտյան ժամը 8-ին, կեսօրին և երեկոյան ժամը 8-ին) մեզ տալիս է միջին ջերմաստիճաններից միջինը։ Դուբլինի ջերմաստիճանը վերցված է Բարտոնից։
  141. Agüeros, „Descrip. Hist, de la Prov. de Chiloé”, 1791, p. 94.
  142. Տես այս օրագրության գերմաներեն թարգմանությունը, իսկ այլ փաստերի համար՝ մր. Բրաունի հավելվածը ՖլինԴերսի ճանապարհորդության վերջում։
  143. Կենտրոնական Չիլիի Կորդիլյերներում իմ կարծիքով ձյան սահմանը տարբեր ամառներում չափազանց տարբեր բարձրություն է ունենում։ Ինձ վստահորեն հավատացնում էին, որ մի շատ չոր և երկար ամառ Ակոնգակուայի վրայի ամբողջ ձյունն անհետացել է, չնայած որ նա ունի 23.000 ոտնաչափի հասնող վիթխարի բարձրություն։ Հավանական է այն, որ այս մեծ բարձրություններում ձյան մի զգալի մասը նախքան հալչելը գոլորշիանում է։
  144. Miers’s „Chile”, vol. I, p. 415։ Ասում են, որ շաքարեղեգն աճել զարգացել է Ինգենիոյում (32°—33° լայնություն), բայց ոչ այնպիսի մեծ քանակությամբ, որ շաքարի արտադրությունը շահեկան լինի։ Կիլոտա հովտում, Ինգենիոյից հարավ, ես տեսա արմավի մի քան ի մեծ ծառեր։
  145. Bulkeley’s and Cummin’s „Faithful Narrative of the Loss of the Wager”։ Երկրաշարժը պատահել է 1741 թվի օգոստոսի 25-ին։
  146. Agüeros, „Desc. Hist. de Chiloe”, p. 227.
  147. „Geological Transactions”, vol. VI, p. 415.
  148. Այս հարցերին վերաբերող մանրամասնությունները (որչափ ինձ հայտնի է՝ առաջին անգամն է հրապարակվել) ես տվել եմ առաջին հրատարակության և նրա հավելվածի մեջ։ Այնտեղ ես ցույց եմ տվել, որ թափառական վալունների բացակայության առերևույթ բացառությունները որոշ տաք երկրներում հետևանք են սխալ դիտողությունների, մի շարք հայտարարություններ, որ ես արել եմ այնտեղ, հետագայում հաստատվել են տարբեր հեղինակների կողմից։
  149. Geographical Jonrnal, 1830, p.p. 65, 66.
  150. Richardson’s Appendix to „Blanc’s Exped.”, և Հումբոլտի „Fragm. Asiat.”, tom II p. 386.
  151. Messrs. Dease and Simpson, „Geographical Journal”, vol. VIII. pp. 218, 220.
  152. Կյուվե („Ossements fossiles”, t. I, p. 151), Բիլինգ „Voyage”-ից։
  153. Առաջին հրատարակության և հավելվածի մեջ ես մի քանի փաստեր եմ բերել հարավային Սառուցյալ օվկիանոսի թափառական վալունների և սառցասարերի մասին։ Այս խնդիրը վերջին ժամանակներս լավ լուսաբանել է մր. Հեյզը (Hayes, Boston Journal, vol. IX, p. 425) Ըստ երևույթին հեղինակը տեղյակ չէ մի խնդրի, որը հրապարակել եմ ես (Geographical Journal, vol. IX, p. 528. այդ մի հսկայական վալունի մասին է, որը թաղված է եղել մի սառցասարի մեջ Հարավային Սառուցյալ օվկիանոսում, հարյուր մղոն, գուցե և ավելի հեռու, որևէ ցամաքից։ Հավելվածում ես հանգամանոք են քննարկել եմ սառցասարերը ափերին մոտենալիս, սառցադաշտերի նման քարերն ակոսելու և հղկելու (որի մասին այդ ժամանակները հազիվ թե մտածեին) հավանականության մասին։ Այժմ այս շատ ընդունելի ընդհանուր կարծիք է, և ես ենթադրում եմ, որ այդ պետք է իրավացիորեն վերաբերի նույնիսկ յուրային։ Դոկտոր Ռիչարդսոնն ինձ վստահացնում է, որ հյուսիսային Ամերիկայի սառցասարերն իրենց առջևից քշում տանում են խճերը և ավազը, և ընդծովյա հարթավայրերը թողնում են բոլորովին մերկ։ Հազիվ թե կարելի լինի կասկածել, որ բոլոր նման շերտերը հղկվում և ակոսվում են այն ուղղություններում, որոնք համապատասխանում են տիրապետող հոսանքների ուղղությանը։ Այդ հավելվածը գրելուց հետո ես տեսել եմ Հյուսիսային Ուելսում (London Phil. Mag., vol. XXI, p. 180) սառցադաշտերի և լողացող սառցասարերի միացյալ գործունեությունը։
  154. Մեկ գալոնը հավասար է մոտավորապես չորս լիտրի։ Ծ. Թ.
  155. Մի ադեալ է, որի մեջտեղը ծակ է՝ գլուխն անցկացնելու. համար. գործ են ածում որպես վերարկու։
  156. Finis (լատիներեն) — վերջ։ Հին ժամանակ այդ բառը գրվում էր գրքերի վերջը, և ոմանք կարծում էին, որ հեղինակի անունն է այդ։ Ծ. Թ.
  157. Caldcleugh, հոդված „Philosoph. Transact.”-ում, 1836 թ.։
  158. „Annales des Sciences Naturalles”, March. 1833. Մ. Գեյը, որը մի եռանդուն և կարող բնագետ է, զբաղված էր այն ժամանակները ամբողջ Չիլիում բնապատմության բոլոր ճյուղերի ուսումնասիրությամբ։
  159. Burchells „Travels”, vol. II, p. 45.
  160. Հետաքրքրականն այն է, որ Մոլինան, չնայած որ մանրամասն նկարագրել է Չիլիի բոլոր թռչուններին, բայց ոչ մի անգամ չի հիշատակում այս սեռը, որի տեսակները շատ տարածված են և հայտնի իրենց սովորություններով։ Արդյոք նա դասակարգելու անելանելի դրությունի՞ց է ստիպվել, որ զանց է առել այս թռչունը, թե՞ մտածել է, որ լռություն պահպանելն ավելի խոհեմ գործ է։ Այդ ևս մի օրինակ է հեղինակների կողմից այնպիսի անմիջական խնդիրների հաճախակի զանցառումների մասին, որ ամենից քիչ է սպասելի։
  161. „Horticultural Transact.” vol. V, p. 249. Մր. Կալդկյուն (Caldcleugh) տուն է ուղարկում երկու պալալ, որոնք, լավ պարարտացումից հետո, մինչև անգամ առաջին սեզոնին, առատ կարտոֆիլ և տերևներ են տալիս։ Տես Հումբոլտի հետաքրքրական դիսկուսիաները „Polit. Essay on New Spaing”, book IV chap. IX-ում. ըստ երևույթին այս բույսը Մեքսիկայում հայտնի չի եղել։
  162. Այս անտառներում փռելով իմ միջատ բռնող ցանցը, ես ձեռք բերի զգալի թվով մանր միջատներ՝ Staphylinidae ընտանիքից. և Pselaphus-ին ազգակից մի քանի այլ տեսակներ, ինչպես և մանր Hymenoptera-ներ։ Բայց ամբողջ Չիլոեում և Չոնոսում ամենահատկանշական ընտանիքը, և՛ տեսակների թվի, և՛ յուրաքանչյուր տեսակի առատության տեսակետից, Telephoridae-ն է։
  163. Ասում են, որ մի շարք գիշատիչ թռչուններ իրենց որսը բերում են իրենց բունը կենդանի վիճակում։ Եթե այդպես է, ապա դարերի ընթացքում երբեմն այս կենդանիները հնարավորություն կունենային փախչելու փոքրիկ թռչնիկներից և ազատվելու։ Այդպիսի մի միջոց անհրաժեշտ է, որին վերագրենք իրար ոչ այնքան մոտիկ կղզիների վրա կրծող փոքր կենդանիների տարածման երևույթը։
  164. Որպես ապացույց այս ափի անտառապատ և բաց տարածությունների միջև գոյություն ունեցող եղանակների տարբերության՝ ես կարող եմ հիշատակել այն, որ սեպտեմբերի 20-ին 34° լայնության վրա այս թռչունների բներում ձագեր կային, մինչ Չոնոսի կղզիներում ամառը երեք ամիս հետո դեռ միայն ձու էին ածում. այս երկու վայրերի լայնության տարբերությունը մղոններով հաշված, 700 մղոն է։
  165. Մի տեսակ նավակ, որը պատրաստում են մեկ կամ երկու մեծ կոճղի մեջը փորելով։ Ծ. Թ.
  166. M. Arago „L’Institut”-ում, 1839 թ., էջ 337։ Տես նաև Mier-ի „Chile”, vol. I, p. 392. ինչպհս և Lyell-ի „Principles of Geology”, chap. XV, book II.
  167. Հրաբխային երևույթների վերաբերյալ լրիվ տեղեկություններ ստանալու համար, որի հետ զուգընթաց տեղի ունեցավ 20-ի երկրաշարժը, և դրանից եզրակացություն հանելու համար նայել Geological Transaction-ի V հատորը։
  168. Սպաներեն նշանակում է ջորեպան։ Ծ. Թ.
  169. Scoresby’s „Arctic Regions”, vol. I, p. 122.
  170. Շրոպշիրում ես լսել եմ, որ երբ երկար շարունակվող անձրևից հեղեղվում է Սևեռնը, նրա ջուրը շատ ավելի պղտոր է լինում, քան երբ հեղեղվում է Ուելսի լեռների ձյան հալչելուց։ Դ’Օրբինին (հատ. I, էջ 184), բացատրելով Հարավային Ամերիկայի գետերի զանազան գույների պատճառները, մատնանշում է, որ կապույտ կամ վճիտ ջուր ունեցողներն իրենց սկիզբն առնում են Կորդիլյերներից, որտեղ հալչում է ձյունը։
  171. Dr. Gillies In Gournal of National and Geographical Science, Օգոստոս, 1830 թ.։ Այս հեղինակը տալիս է լեռնանցքերի բարձրությունը։
  172. Սառած ձյան մեջ այս կառուցվածքը շատ վաղուց նկատել է Սկորսբին Շպիցբերգենի մոտ գտնվող սառցասարերում և ապա ավելի մանրակրկիտ կերպով դիտել է գնդապետ Ջեքսոնը (Goumal of Geographical Society, vol. V, p. 12) Նևայի վրա։
    Մր. Լայելը („Principles”, vol. IV, p. 360) բաղդատել է այս ճեղքվածքները, որոնցով թվում է թե պայմանավորվում է սյունաձև ստրուկտուրը, երակիկների հետ, որոնք նկատվում են գրեթե բոլոր ապառների մեջ, բայց ամենից լավ երևում են չշերտավորված զանգվածներում։ Ես կարող եմ ասել, որ ինչ վերաբերում է սառած ձյան, սյունաձև կառուցվածքը պետք է լինի «մետամորֆային» գործունեության, և ոչ թե նստեցման ընթացքում տեղի ունեցող պրոցեսի արդյունք։
  173. Այս սոսկ մի լուսաբանումն է այն սքանչելի օրենքների, որ առաջին անգամ առաջադրել է մր. Լայելը, այն է, թե ի՛նչ ազդեցություն են կրում կենդանիների աշխարհագրական տարածումները երկրաբանական փոփոխությունների ժամանակ։ Այu ամբողջ դատողությունն, իհարկե, հիմնված է տեսակների անփոփոխելիության ենթադրության վրա, այլ կերպ՝ այս տարբերությունը տեսակների մեջ երկու գոտիներում կարելի էր համարել ժամանակի ընթացքում տեղի ունեցող վերահավելման արդյունք։
  174. Վերդիգրիս — կանաչ բյուրեղային նյութ, մի քանի հիմքային պղինձ ացետատների խառնուրդ. գործածվում է որպես պիգմենտ։ Ծ.Թ.
  175. Թշնամու նավը խորտակելուց հետո ձեռք բերած ավարի բաժանումը նավաստիների վրա։ Ծ. Թ.
  176. Բուկանյերները 17 և 18-րդ դարերի թափառաշրջիկ ծովահեններ էին, որոնք սպանական Ամերիկայի ափերին կողոպտում էին սպանացիներին։ Ծ. Թ.
  177. Vol. IV, p. 11 և vol. II, p. 217. Գուայակիլի մասին արած դիտողությունների համար տես Սիլիմանի „Journal”, vol. XXIV, p. 384. Տակնայի համար մր. Համիլտոնի հոդվածը „Transactions of British Association”-ում, 1840։ Կոսեդվինայի մասին տես մր. Կալդկյուի „«Philosophical Transaction”-ում, 1835 թ.։ Առաջին հրատարակության մեջ ես հավաքել էի մի քանի ակնարկություններ երկրաշարժի և բարոմետրի հանկարծակի անկման, ինչպես և ասուպների և երկրաշարժի զուգադիպման մասին։
  178. Observa sobre el clima de Lima, էջ 67. Azara’s Travels, հատոր I, էջ 381. Ulloa’s Voyage, հատոր II, էջ 28։ Burchell’s Travels, հատոր II, էջ 584։ Webster’s Description of the Azores, էջ 124։ Voyage à l’Isle de France, par un officier du roi, հատոր I, էջ 248: Description of St. Helena, էջ 123։
  179. Պերուի թագավորները, սպանացիներն այնտեղ գնալուց առաջ։ Ծ. Թ.
  180. Տեմպլն իր ճանապարհորդությունների մեջ, որ կատարել է վերին Պերուում կամ Բոլիվիայում, Պոտոսիից Օրուրո գնալիս, ասում է, որ «ես տեսա բազմաթիվ հնդկական գյուղերի կամ տների ավերակներ՝ մինչև անգամ լեռների անմիջական գագաթին։ Այդ վկայում է, որ այնտեղ, որտեղ այժմ ամայի է, մի ժամանակ բնակված է եղել մարդկանցով»։ Նման դիտողություններ նա անում է և մի այլ տեղի համար, բայց ես չեմ կարող ասել, թե այս ամայության պատճառը բնակություն հաստատողների րացակայությո՞ւնն է եղել, թե ցամաքի պայմանների փոփոխությունը։
  181. Edinburgh Philosophical Journal, Jan. 1830. p. 74 և April. 1830, p. 258. նաև Daubeny, „On Volcanoes”, p. 438. ինչպես և Bengal Journal, vol. VII, p. 324.
  182. Political Essays on the Kingdom of New Spain, vol. IV, p. 199.
  183. Այդպիսի մի հետաքրքրական դեպք արձանագրված է Madras Medical Quarterly Journal, 1839, p. 340-ում։ Դոկտոր Ֆերգյուսոնն իր սքանչելի զեկուցագրում (տես „Edinburgh Royal Transactions”-ի 9-րդ հատորը) պարզ ցույց է տալիս, որ թույնն առաջանում է չորացման պրոցեսում, ուստի և չոր ու տաք երկրները հաճախ ամենահակաառողջապահականներն են։
  184. Ֆարենհայտով հաշված։ Ծ. Թ.
  185. Voyage aux Quatre Iles d’Afrique։ Սանդվիչյան կղզիների համար նայել Tyerman and Bennett’s Journal, vol. I, p. 432. Մավրիկիայի համար՝ Voyage par un Officier etc., part I, p. 170։ Կանարյան կղզիներում գորտեր չկան (Webb et Berthelot, Hist. Nat. des Iles Canaries)։ Կանաչ հրվանդանի Սանտ Յագո կղզում ոչ մ ի գորտ չգտա։ Սուրբ Հէղինեի կղզում գորտեր նույնպես չկան։
  186. Ann. and Mag. of Natural History, vol. XVI. p. 19.
  187. „Voyage in the U. S. ship Essex”, vol. I, p. 215.
  188. Linaean Transactions, vol. XII, p. 496։ Այս նյութին վերաբերող ամենաաննորմալ փաստը, որին ես հանդիպել եմ, Հյուսիսային Ամերիկայի արկտիկական մասերի փոքր թռչունների վայրի լինելն է, ինչպես նկարագրել է Ռիչարդսոնը („Fauna Bor.”, vol. II, p. 332), որտեղ ասում են, որ նրանք բոլորովին չեն հալածվում և ոչ ոքի կողմից։ Այս բանն ավելի տարօրինակ է դառնում նրանով, որ հաստատված է, թե միևնույն տեսակներից մի քանիսը, որոնք ձմեռը չվում են Միացյալ Նահանգներ, մարդընտել են։ Ինչպես դ-ր Ռիչարդսոնն է ասում՝ շատ խնդիրներ կան, բոլորովին անբացատրելի՝ թռչունների երկչոտության և հոգատարության աստիճանների հետ կապված, որոնցով նրանք թաքցնում են իրենց բույնը։ Ո՜րչափ տարօրինակ է, որ անգլիական անտառային աղավնին, որն ընդհանրապես լինում է շատ վայրի, շատ հաճախ իր ձվերն ածում և թխսում է տներին մոտիկ, թփուտների մեջ։
  189. Հետաքրքրական է, թե ինչպես միևնույն հիվանդությունը տարբեր կլիմաներում այլափոխվու֊մ է։ Սուրբ Հեղինեի փոքրիկ կղզում քութեշի երևալը նույնչափ սարսափելի է, որչափ ժանտախտինը։ Մի շարք երկրներում տեղացիները և օտարականները որոշ տարափոխիկ հիվանդությունների նկատմամբ, բոլորովին տարբեր վերաբերմունք են ցուցաբերում, կարծեք թե տարբեր կենդանիներ լինեն. նման դեպքեր պատահել են Չիլիում և, ըստ Հումբոլտի, Մեքսիկայում։ („Polit. Essay”, New Spain, vol. IV).
  190. „Narrative of Missionary Enterprise”, p. 282.
  191. Կապիտան Բիչին (chap. IV, vol. I) նշում է, որ Պիտկեռն կղզու բնակիչները խիստ համոզված են, որ յուրաքանչյուր երևացող նավից հետո նրանք տառապելու են մաշկային և այլ հիվանդություններով։ Կապիտան Բիչին այս բանը վերադրում է այս այցելության ժամանակ սննդանյութերի փոփոխությա՚նը։ Դր. Մակկելլոչր („Vestern Isles”, vol. II, p. 32) ասում է. «Հաստատված է, որ երբ երևում է մի օտարական (Սեն Կիլգայում), բոլոր բնակիչները, ինչպես իրենք՝ տեղացիներն են ասում, մրսում հիվանդանում են»։ Դր. Մակկելլոչն այս բոլորը համարում է ծիծաղելի, թեև այդ բազմիցս է հաստատվել։ Սակայն նա ավելացնում է, որ այդ հարցը տրվեց և տեղական բնակիչներին, որոնք միաձայն հաստատեցին այդ»։ Վանկուվերի «Ճանապարհորդություն» աշխատության մեջ նման մի ակնարկ կա և Տաիտիի վերաբերյալ։ Դր. Դիփենբախն այս աշխատությունը թարգմանելիս մի ծանոթության մեջ նշում է, որ նույն այղ փաստին հավատում են և Չաթեմի կղզիների բոլոր բնակիչները, ինչպես և Նոր Զելանդիայի որոշ մասերի բնակիչները։ Անկարելի է, որ նման հավատք ընդհանուր լինի և հյուսիսային կիսագնդում և հարավում՝ Խաղաղ օվկիանոսում, առանց լավ հիմքերի։ Հումբոլտը („Polit. Essay on King of New Spain”, vol. IV) ասում է, որ Պանամայի և Կալլաոյի մեծ համաճարակները «զուգադիպում են» Չիլից եկող նավերի հետ, որովհետև այդ բարեխառն գոտու բնակիչներն առաջին հերթին ենթարկվում են այրեցյալ գոտու աղետալի ազդեցությանը։ Ինձ պատմել են, որ Շրոպշիրում նավերով ներմուծված ոչխարները, թեև բոլորովին առողջ, երբ քշում են այլ ոչխարների հետ միևնույն փարախը, հոտի մեջ հիվանդություններ են երևան գալիս։
  192. „Travels in Australia”, vol. I, p. 154. Ես պետք է արտահայտեմ իմ երախտապարտությունը սըր Տ. Միչելին՝ ինձ Նոր Հարավային Ուելսի այս մեծ հովիտներին վերաբերող բազմաթիվ հետաքրքրական փաստեր հաղորդելու համար։
  193. Հետաքրքրական էր այստեղ առյուծամրջյուն կամ մի այլ միջատի խոռոչավոր կոնաձև ծուղակի գտնվելը, այս նենգավոր թեքությունից ներքև նախ ընկավ մի ճանճ և անմիջապես անհետացավ, ապա եկավ մի մեծ, բայց անզգուշ մրջյուն. նրա մաքառումները փախչելու համար շատ մեծ էին, ավազի այն փոքրիկ հետաքրքրական սաթանման հատիկները, որ նկարագրել է Կիրբին („Entomol.”, vol. I, p. 425), արձակվելով միջատի պոչից՝ անմիջապես ուղղվում էին դեպի սպասվող զոհը։ Մրջյունի ճակատագիրն այնքան վատ չէր, որչափ ճանճինը, և նա կարողացավ խույս տալ այն մահացու ծնոտներից, որոնք թաքնված էին կոնաձև խոռոչի հատակին։ Այս ավստրալիական ծուղակը ծավալով եվրոպական առյուծամրջյունի պատրաստած ծուղակից երկու անգամ փոքր էր։
  194. „Physical Description of New South Wales and Van Diemen’s Land”, p. 354։
  195. Այս բույսերը նկարագրված են „Annals of Nat. Hist.”-ում, հատոր I, 1838, էջ 337։
  196. Holman’s „Travels”, IV, էջ 378։
  197. „Kotzebue’s First Voyage”, vol. III, p. 155.
  198. Այդ տասներեք տեսակները պատկանում են հետևյալ կարգերին.— Coleoptera-յից մի փոքրիկ էլատեր (ցայտակ, մի լվիճ, որը հանկարծ ցատկում է, երբ գտնվում է կռնակի վրա ընկած դիրքում). Orthopiera-յից՝ մի ծղրիդ և մի ուտիճ (Blatta). Hemiptera-յից՝ մի տեսակ, Homoptera-յից՝ երկու. Neuroptera-յից՝ մի Chrysopa (ոսկիակն). Hymenoptera-յից՝ երկու մրջյուն. Lepidoptera nocturna-յից՝ երկու գիշերային թիթեռ (Diophaea և Pterophorus ?). Diptera-յից՝ երկու տեսակ։
  199. „Kotzebue’s First Voyage”, vol. III, p. 222.
  200. Այս խեչափառներից մի քանիսի մեծ ճանկերը շատ լավ են հարմարեցված, այնպես որ երբ այդ ճանկերը ետ է քաշում, նրանք խեցու համար դառնում են փոքրիկ խուփ։ Այդ խուփը գրեթե նույնքան կատարյալ է, որքան փափկամորթին պատկանող փեղկը։ Ինձ հավատացնում էին, ինչպես ցույց են տվել և իմ դիտումները, որ որոշ տեսակի մենակյաց խեչափառներ միշտ օգտագործում են որոշ տեսակի խեցիներ։
  201. Տեղացիներից մի քանիսը, որոնց Կոցեբուն տարել էր Կամչատկա, քարեր էին հավաքում իրենց երկիրը տանելու համար։
  202. Տես „Proceedings of Zoological Society”, 1832, p. 17.
  203. Tyerman and Bennett, „Voyage” etc., vol. II, p. 33.
  204. Իհարկե ես բացառում եմ այն քիչ հողը, որ նավերով բերել են այստեղ Մալակայից և Յավայից, ինչպես և պեմզայի մի քանի փոքր բեկորներ, որ քշել բերել են այստեղ ալիքները։ Բացի այդ, պետք է բացառել նաև գրինշտեյնի (կանաչ քար) մի կտորը հյուսիսային կղզում։
  205. Այս տեսակետների մասին նախ կարդացվել է 1837 թվականի մայիսին, Երկրաբանական ընկերության առջև, և այնուհետև այդ մշակվել է մի առանձին հատորում „Structure and Distribution of Coral Reefs”.
  206. Այս ատոլներից յուրաքանչյուրն ինքնին ներկայացնում է հրաշալի տեսարան, բոլոր կողմերից շրջապատված լինելով մեծ քարե պատերով, որտեղ չկա մարդկային արվեստի և ոչ մի բան։
  207. Նշանակալից է այն, որ մր. Լայելը մինչև անգամ իր „Principles of Geology”-ի առաջին հրատարակության մեջ հիշատակում է, որ Խաղաղ օվկիանոսում իջեցումները գերազանցում են բարձրացումներին, նկատի ունենալով, որ այնտեղ ցամաքի մակերեսը համեմատած գործող ագենտների, այն է՝ կորալների աճման և հրաբխային գործունեության հետ, շատ փոքր է։
  208. Ինձ մեծ բավականություն է պատճառել գտնել հետևյալ տողերը մի պամֆլետում, որ գրել է մր. Կոուտուն — մեկն այն բնագետներից, որոնք մասնակցել են Միացյալ Նահանգների անտարկտիկական մեծ էքսպեդիցիային. «Անհատապես քննած լինելով բազմաթիվ կորալական կղզիներ և ապրած լինելով ութ ամիս հրաբխային ծագում ունեցող կղզիներում, որոնք ամբողջովին կամ մասամբ շրջապատված են ռիֆերով, ինձ կթույլատրվի ասել, որ իմ սեփական դիտումներն ինձ ստիպել են համոզվելու մր. Դարվինի տեսության ճշտության խնդրում»։ Սակայն այս էքսպեդիցիայի բնագետները կորալային ֆորմացիաների վերաբերյալ մի քանի կետերում տարբեր կարծիք ունեն։
  209. Մանգո (Mangifera indica) — չափազանց արժեքավոր պտղատու ծառ է։ Նրա պտուղը, որը նույնպես մանգո է կոչվում, բարեխառն գոտու խնձորի նման լինում է տարբեր ձևի, ծավալի, գույնի և բուրմունքի ու համի։ Նրա բազմաթիվ փոփոխակներից մի քանիսը համարվում են ամենահամեղ արևադարձային պտուղը։ Ծ. Թ.
  210. Այս նյութի վերաբերյալ հատորներով հեղեղվող պերճախոսությունից հետո վտանգավոր է մինչև անգամ դամբարանը հիշատակելը։ Մի արդի ճանապարհորդ տասներկու տողով բեռնավորում է այս փոքրիկ խեղճ կղզին հետևյալ տիտղոսներով — այդ մի շիրիմ է, դամբարան, պիրամիդ, գերեզմանատուն, գերեզման, գետնադամբան, վիմադամբան, մինարեթ, մավզոլեում։
  211. Ուշադրության արժանի է այն, որ այս խեցու բոլոր բազմաթիվ նմուշները, որ ես գտել եմ մի կետում, որպես որոշակի փոփոխակ տարբերվում են մի այլ շարք նմուշներից, որոնք գտնվել են մի այլ կետում։
  212. Beatson’s „St. Helena”. Introductory chapter, p. 4.
  213. Մեկ ակրը հավասար է մnտ 0,4 հեկտարի։ Ծ. Թ.
  214. Ես զարմացել էի՝ այս մի քանի միջատների մեջ գտնելով մի փոքրիկ Aphodius (nov. spec.) և մի Oryctes, որոնք երկուսն էլ չափազանց առատ են աղբակույտերի տակ։ Կղզին հայտնաբերելիս, իհարկե, չորքոտանի չի եղել այստեղ, բացառությամբ գուցե մի մկան. ուստի դժվար խնդիր է դառնում որոշել այն, թե այս աղբակեր միջատները տեղակա՞ն են, թե պատահաբար են ներմուծված. եթե տեղական են, հապա ինչո՞վ են սնվել նրանք հնում։ Պլատայի ափերին, որտեղ ձիերի և խոշոր եղջերավոր անասունների մեծ թվի առկայությունից կանաչի ընտիր դաշտերը հիանալի պարարտանում են, չեն պատահում այն բազմատեսակ աղբակեր բզեզները, որոնք այնքան առատ տարածված են Եվրոպայում։ Ես դիտեցի միայն մի Oryctes (այս սեռի միջատները Եվրոպայում սնվում են միայն քայքայված բուսական նյութերով) և Phanaeus-ի երկու տեսակ, որոնք տարածված են նման վայրերում։ Կորդիլյերների հակառակ կողմում՝ Չիլոեում չափազանց առատ է Phanaeus-ի մի այլ տեսակ, և նա անասունների աղբը՝ մեծ գնդակների ձևով, թաղում է գետնի տակ։ Հիմք կա հավատալու, որ Phanaeus սեռը, նախքան խոշոր եղջերավոր անասուններ ներմուծելը, գործել է որպես մարդկանց համար փողոցները մաքրող։ Եվրոպայում այն բզեզները, որոնք կախված են այն սննդանյութից, որն արդեն իր դերն այլ մեծ կենդանիների կյանքի նկատմամբ մի անգամ կատարել է, այնքան շատ են թվով, որ նրանց տեսակների թիվը հարյուրից զգալի չափով ավելի է։ Նկատի ունենալով այս և տեսնելով այս տեսակի սննդի ահռելի քանակությունը, որ կորչում է Լա Պլատայի հարթավայրերում, ինձ թվում էր, թե ես տեսնում եմ մի դեպք, որտեղ մարդը կտրում է այն շղթան, որով բազմաթիվ կենդանիներ կապված են իրար հետ իրենց մայր երկրում։ Վանդիմենի երկրում, սակայն, ես գտա կովերի աղբի տակ մեծ քանակությամբ չորս տեսակ Onthophagus, երկու՝ Aphodius, և մեկ տեսակ մի երրորդ սեռից, չնայած որ կովերի ներմուծումից մինչև այդ ժամանակը միայն երեսուներեք տարի էր անցել։ Ավելի առաջ այնտեղի միակ չորքոտանիները եղել են կենգուրուն և այլ փոքր կենդանիներ, և նրանց աղբն իր որակով շատ է տարբերվում մարդու ձեռքով ներմուծված կենդանիների աղբից։ Անգլիայում աղբակեր բզեզների մեծ մասը անտարբեր կերպով չեն սնվում ամեն տեսակի չորքոտանու աղբով։ Ուստի չափազանց նշանակալի է սովորության փոփոխությունը, որը պետք է տեղի ունեցած լինի Վանդիմենի երկրում։ Ես պարտավորված եմ զգում ինձ դեպի արժանապատիվ Ֆ. Ու. Հոպը, որը տվեց ինձ վերոհիչյալ միջատների անունները, և հուսով եմ, որ թույլ կտա ինձ անվանելու իրեն իմ միջատաբանության ուսուցիչը։
  215. Monats. der König. Akad. d. Wiss. zu Berlin, April, 1845.
  216. Ես այս ռիֆը մանրամասնորեն նկարագրել եմ London and Edinburgh Philosophical Magizine-ում, vol. XIX. (1841), p. 257.
  217. Պտուտակ, որով ճզմում էին ստրուկների քթամասը։ Ծ. Թ.