«Ում մահն է գուժում զանգը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Գլուխ երեսունվեցերորդ)
(Գլուխ քառասուներկուերորդ)
 
(4 intermediate revisions by the same user not shown)
Տող 10 161. Տող 10 161.
  
 
Աղջիկը չոքեց, որպեսզի հարթի ու հավաքի ննջապարկը, հետո միտքը փոխեց, կանգնեց և մի ծայրից բռնեց ու թափ տվեց։ Հետո նորից չոքեց, որպեսզի հարթի ու հավաքի։ Ռոբերտ Ջորդանը զգուշությամբ վերցրեց ուսապարկերը, այնպես, որ պատռվածքներից ոչ մի բան չընկնի և սոճիների արանքներով գնաց դեպի քարայրի ծխապատ տապճակով ծածկված մուտքը։ Ժամը երեքից տասը րոպե էր պակաս, երբ արմունկով մի կողմ արեց տապճակը և մտավ քարայր։
 
Աղջիկը չոքեց, որպեսզի հարթի ու հավաքի ննջապարկը, հետո միտքը փոխեց, կանգնեց և մի ծայրից բռնեց ու թափ տվեց։ Հետո նորից չոքեց, որպեսզի հարթի ու հավաքի։ Ռոբերտ Ջորդանը զգուշությամբ վերցրեց ուսապարկերը, այնպես, որ պատռվածքներից ոչ մի բան չընկնի և սոճիների արանքներով գնաց դեպի քարայրի ծխապատ տապճակով ծածկված մուտքը։ Ժամը երեքից տասը րոպե էր պակաս, երբ արմունկով մի կողմ արեց տապճակը և մտավ քարայր։
 +
 +
 +
==Գլուխ երեսունութերորդ==
 +
 +
Քարայրում էին, տղամարդիկ կանգնած էին օջախի մոտ, Մարիան կրակն էր բորբոքում։ Պիլարն արդեն պատրաստել էր սուրճը։ Ռոբերտ Ջորդանին արթնացնելուց հետո այլևս անկողին չէր մտել, հիմա էլ, նստած աթոռին, ուսապարկերի պատռվածքներն էր կարկատում։ Մեկն արդեն կարել էր։ Կրակի լույսն ընկել էր դեմքին։
 +
 +
― Էլի միս վերցրու, ― ասաց նա Ֆերնանդոյին։ ― Լավ լցրու փորդ, արդեն միևնույն է։ Բժիշկ չկա, որ վիրահատի, եթե պոզահարվես։
 +
 +
― Ի՞նչ ես դուրս տալիս, կի՛ն, ― ասաց Ագուստինը։ ― Այդ ինչ պոռնիկի լեզու է քո լեզուն։
 +
 +
Նա հենվել էր սրունքների արանքն առած ձեռքի գնդացրին, ― գրպանները լիքը նռնակներ էր, մի ուսից կախված էր սկավառակներով լցված պարկը, մյուսից՝ փամփուշտով լի մի պայուսակ։ Մի ձեռքին սուրճի թասն էր, մյուսին՝ սիգարետը, ծուխը փչում էր սուրճի վրա ու խմում։
 +
 +
― Ոնց որ երկաթեղենի խանութ լինես, ― ասաց նրան Պիլարը։ ― Հարյուր յարդ էլ չես գնա քո այդ բեռով։
 +
 +
― Que va, կի՛ն, ― ասաց Ագուստինը։ ― Ներքև ենք, չէ՞, գնալու։
 +
 +
― Բայց նախ պիտի բարձրանանք վերևի պահակակետը, ― ասաց Ֆերնանդոն։ ― Հետո ենք ներքև գնալու։
 +
 +
― Կբարձրանամ այծի պես, ― ասաց Ագուստինը։ ― Իսկ եղբայրդ ո՞ւր է, ― հարցրեց Էլադիոյին։ ― Ծլկել է, հա՞, հռչակավոր եղբայրդ։
 +
 +
Էլադիոն կանգնած էր պատի տակ։
 +
 +
― Ձենդ կտրի՛ր, ― ասաց նա։
 +
 +
Նա ջղագրգիռ վիճակում էր, և նրան թվում էր, որ բոլորն էլ զգում են այդ։ Մարտից առաջ նա միշտ այդպես էր լինում՝ ջղային, բարկացկոտ։ Նա հեռացավ պատից, եկավ կանգնեց սեղանի կողքին դրված կաշեպատ կողովի մոտ և սկսեց դրա միջից գրպանները նռնակ լցնել։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը պպզեց նրա կողքին, զամբյուղի մոտ ու չորս նռնակ վերցրեց։ Երեքը միլս էին՝ ձվաձև, խորդուբորդ կողերով, չուգունից, ձգանն ակոսիկի մեջ սեպիկով ամրացված։
 +
 +
― Որտեղի՞ց սրանք, ― հարցրեց Էլադիոյին։
 +
 +
― Դրա՞նք։ Դրանք Հանրապետությունից են։ Ծերուկն է բերել։
 +
 +
― Ո՞նց են։
 +
 +
― Valen mas que pesan,<ref>Իրենց քաշից ավելի արժեն (իսպ․)։</ref> ― ասաց Էլադիյոն։ ― Գանձ են։
 +
 +
― Ես եմ բերել, ― ասաց Անսելմոն։ ― Ամեն պարկի մեջ վաթսուն հատ էր։ Իննսուն ֆունտ, Ingles:
 +
 +
― Օգտագործե՞լ եք, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը Պիլարին։
 +
 +
― Que va, օգտագործել ենք, բա ո՞նց, ― ասաց կինը։ ― Դրանցով էր, որ Պաբլոն Օտերոյի պահակակետը ոչնչացրեց։
 +
 +
Պաբլոյի անունը որ տվեց, Ագուստինն սկսեց հայհոյել։ Կրակի լույսի տակ Ռոբերտ Ջորդանը տեսավ Պիլարի դեմքի արտահայտությունը։
 +
 +
― Վերջացրո՛ւ, ― ասաց նա։ ― Այդ խոսքերից օգուտ չկա։ Անխափան պայթե՞լ են միշտ, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը՝ գորշավուն նռնակը պահած ձեռքին ու բթամատի եղունգով սեպիկի հետ խաղալով։
 +
 +
― Միշտ, ― ասաց Էլադիոն։ ― Ինչքան գործածել ենք, չի եղել դեպք, որ չպայթի։
 +
 +
― Իսկ արա՞գ է պայթում։
 +
 +
― Ընկնելն ու պայթելը մեկ է լինում։ Արագ, բավական արագ։
 +
 +
― Իսկ սրա՞նք։ ― Նա վերցրել էր պահածոյի տուփ հիշեցնող մի նռնակ, որ մետաղալարով էր փաթաթված։
 +
 +
― Աղբ են, ― ասաց Էլադիոն։ ― Պայթում են, ճիշտ է։ Բայց ի՞նչ, ուժեղ լույս և ոչ մի բեկոր։
 +
 +
― Բայց միշտ պայթո՞ւմ են։
 +
 +
― Que va, միշտ, ― ասաց Պիլարը։ ― Ոչ մեր նռնակներն են միշտ պայթում, ոչ էլ նրանց։
 +
 +
― Բայց դուք ասացիք, որ մյուսները միշտ պայթել են։
 +
 +
― Ես չասացի, ― ասաց Պիլարը։ ― Դու նրան հարցրեցիր, ոչ թե ինձ։ Ես չեմ տեսել, որ դրանք միշտ պայթում են։
 +
 +
― Բոլորն էլ պայթել են, ― պնդեց Էլադիոն։ ― Ինչո՞ւ ճիշտը չես ասում, կի՛ն։
 +
 +
― Որտեղի՞ց գիտես, որ պայթում են, ― հարցրեց Պիլարը։ ― Պաբլոն է դրանք գցել։ Չէ՞ որ Օտերոյում դու ոչ մի հոգու չես սպանել։
 +
 +
― Այդ պոռնկի ծնունդը, ― սկսեց Ագուստինը։
 +
 +
― Հանգիստ թող, ― կարճ կտրեց նրան Պիլարը։ Հետո շարունակեց․ ― Բոլորն էլ նույնն են, Ingles: Բայց այդ խորդուբորդ կողերովն ավելի հարմար է։
 +
 +
Երևի զույգ֊զույգ գցեմ, ճիշտը դա կլինի, յուրաքանչյուրից մեկ հատ։ Բայց խորդուբորդ կողերովն ավելի հեշտ է շպրտել, և, երևի, ավելի հուսալի է։
 +
 +
― Ի՞նչ է, նռնա՞կ ես գցելու, Ingles, ― հարցրեց Ագուստինը։
 +
 +
― Գուցե, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Բայց, չոքած, այդտեղ, նռնակներ ջոկջոկելով, նա մտածում էր, որ դա անհնար է։ Չեմ հասկանում, թե ո՞նց ինքս ինձ մոլորության մեջ գցեցի։ Մենք այն ժամանակ էինք արդեն կործանված, երբ նրանք հարձակվեցին Սորդոյի վրա, ինչպես որ Սորդոն էլ կործանված էր, երբ ձյունը դադարեց։ Բայց տես որ ընդունել դա դու չես կարող։ Դու քո գործը պիտի անես, պիտի պլան կազմես, իմանալով հանդերձ, որ անհնար է այն իրագործել։ Կազմել ես, և հիմա գիտես, որ բանի պետք չէ։ Հիմա, որ լույսը բացվել է, արդեն բանի պետք չէ։ Այս եղած մարդկանցով երկու պահակակետերից որն էլ ասես դու հաջողությամբ կարող ես գրավել։ Բայց երկուսը միաժամանակ չես կարող։ Համենայն դեպս, վստահ չես կարող ասել։ Մի փորձիր ինքդ քեզ խաբել։ Լույսով այդ գործը հնարավոր չէ։
 +
 +
Փորձել երկուսն էլ գրավել անիմաստ է։ Պաբլոն այդ բանը հենց սկզբից էլ գիտեր։ Ինձ թվում է, որ նրա մտքում միշտ էլ եղել է ծլկելը, իսկ երբ Սորդոյին խփեցին, նա արդեն համոզվեց, որ մեր ճաշը եփված է։ Չի կարելի հրաշքների վրա հույս դնելով գործ ձեռնարկել։ Դու սրանց բոլորին կզոհես ու կամուրջն էլ չես կարողանա պայթեցնել, եթե այսքանդ լինեք։ Դու կզոհես Պիլարին, Անսելմոյին, Ագուստինին, Պրիմիտիվոյին, այս երկչոտ Էլադիոյին, անպիտան գնչուին, ծերուկ Ֆերնանդոյին և կամուրջն էլ չես պայթեցնի։ Քեզ թվում է, թե հրա՞շք տեղի կունենա, թե Գոլցը Անդրեսից կստանա քո զեկուցագիրն ու հարձակումը կհետաձգի՞։ Եթե տեղի չունեցավ, ուրեմն այդ հրամանի պատճառով կործանելու ես այս մարդկանց։ Նաև Մարիային։ Նրան էլ ես կործանելու այդ հրամանի պատճառով։ Չե՞ս կարող գոնե նրան փրկել։ Դժոխքի ծոցը գնաս դու, Պաբլո՛։
 +
 +
Չէ՛։ Մի՛ զայրանա։ Զայրույթը նույնքան վատ է, ինչքան վախը։ Աղջկա ծոցը մտնելու փոխարեն, դու պիտի ելնեիր, վերցնեիր այդ կնոջը և գիշերով սարերն ընկած մարդ ճարեիր, որպեսզի կարողանայիր գործը գլուխ բերել։ Այո, մտածեց նա։ Իսկ եթե մի բան պատահեր ինձ, ո՞վ էր պայթեցնելու։ Այո։ Դա էլ կա։ Դրա համար տեղիցդ չշարժվեցիր։ Ուրիշին էլ չէիր կարող ուղարկել, որովհետև, եթե մի բան պատահեր, մի հոգի ևս կպակասեր։ Պիտի գոնե եղածները պահեիր, որ թեկուզ այդքանով ծրագիրդ կարողանայիր իրագործել։ Բայց քո ծրագրից վատ հոտ է փչում։ Վատ հոտ է փչում, քեզ բան եմ ասում։ Այդ ծրագիրը գիշերն ես կազմել, իսկ հիմա առավոտ է։ Գիշերով կազմած ծրագիրը առավոտյան բանի պետք չի գալիս։ Գիշերվա խորհուրդը առավոտյան պիտանի չէ։ Ահա, հիմա էլ, տեսնում ես, պիտանի չէ։
 +
 +
Իսկ Ջոն Մոսբին կարողացե՞լ է այդպիսի անհնարին վիճակներից դուրս գալ։ Անշուշտ կարողացել է։ Ավելի դժվարին վիճակներից էլ։ Եվ հիշիր՝ պետք չէ թերագնահատել հանկարծակիության տարրը։ Դու դա հիշի՛ր։ Հիշի՛ր, դա անմտություն չէ, եթե կարողանաս ամեն ինչ անսխալ անել, ոնց որ պետք է։ Բայց քեզնից այլ բան է պահանջվում։ Դու պետք է ոչ թե անես այն, ինչ հնարավոր է, այլ ինչ պահանջվում է, և անպայման։ Բայց ոնց ամեն ինչ շուռ եկավ։ Ասենք հենց սկզբից էլ ամեն ինչ սխալ էր, այսպիսի բաները ձյունահոսերի են նման՝ ինչքան գլորվում են, այնքան ընդգծվում է կործանարարությունը։
 +
 +
Չոքած տեղից նայեց Մարիային, աղջիկը ժպտաց։ Ինքն էլ ժպտաց, չորս նռնակ էլ ջոկեց ու դրեց գրպանները։ Դետոնատորները կարելի է հանել և միայն նռնակներ օգտագործել, մտածեց նա։ Կարծում եմ, արդյունքը լավ կլինի։ Պայթյունի ուժը կավելանա, եթե սրանք էլ ավելանան եղած պայթուցիկին։ Համենայն դեպս, ես այդպես եմ կարծում։ Համոզված եմ։ Վստահիր ուժերիդ, գոնե մի քիչ, ― ասաց ինքն իրեն։ ― Դու էիր, չէ՞, երեկ գիշեր պապիդ հետ միասին առյուծ կտրել, հորդ էլ վախկոտ դարձրել։ Դե՛, վստահիր ուժերիդ։
 +
 +
Նորից ժպտաց Մարիային, բայց դա դեռևս ժպիտ չէր, ընդամենը այտերի ու բերանի կողքերի մաշկն էր ձգվել։
 +
 +
Նա կարծում է, որ դու հրաշք ես, մտածեց նա։ Իսկ ես կարծում եմ, որ դու կղանք ես։ Քո այդ gloria֊ն էլ, քո բոլոր անհեթեթություններն  էլ։ Հրաշալի մտքեր ունեիր գլխումդ, չէ՞։ Աշխարհի բոլոր հարցերը վճռում էիր, չէ՞։ Գրողի ծոցը այդ ամենը։
 +
 +
Լավ, հանգստացի՛ր, ասաց ինքն իրեն։ Մի՛ կատաղիր։ Ասենք դա էլ է վիճակից դուրս գալու ուղի։ Այդպիսի ուղիներ միշտ էլ կլինեն։ Կարող ես նստել հիմա ու եղունգներդ կրծել։ Կարիք չկա ժխտելու այն ամենը, ինչ եղել է, լոկ այն պատճառով, որ հիմա կորցնում ես դրանք։ Ինքդ քեզ մի խնայիր, ոնց որ ողնաշարը ջարդված օձ․ քո ողնաշարը դեռ չեն ջարդել, շո՛ւն։ Թող խփեն՝ նոր լաց եղիր։ Կռիվը թող սկսվի, նոր կատաղիր։ Կռվի ընթացքում շատ առիթներ կլինեն կատաղելու։ Այն ժամանակ օգտվիր դրանից։
 +
 +
Պիլարը ուսապարկը ձեռքին մոտեցավ նրան։
 +
 +
― Ուզածիդ պես ամուր է հիմա, ― ասաց նա։ ― Դրանք շատ լավ նռնակներ են, Ingles: Կարող ես վստահ լինել։
 +
 +
― Ո՞նց ես, կին։
 +
 +
Պիլարը նայեց նրան, գլուխը թափ տվեց ու ժպտաց։ Տեսնես, մտածեց, շինծու ժպիտ է, թե իսկական։ Երևում է իսկական է։
 +
 +
― Լավ, ― ասաց կինը։ ― Dentro de la gravedad: ― Հետո պպզեց Ռոբերտ Ջորդանի կողքին ու հարցրեց․ ― Հիմա որ սկսվել է արդեն, դու ի՞նչ ես կարծում։
 +
 +
― Քչվոր ենք, ― արագ պատասխանեց նա։
 +
 +
― Ես էլ եմ այդպես կարծում, ― ասաց կինը։ ― Շատ քիչ ենք։ ― Հետո, նորից միայն նրան, ասաց․ ― Մարիան մենակ էլ կարող է ձիերը պահել։ Իմ կարիքը չկա այդտեղ։ Ոտնակապերը կգցենք ու կթողնենք։ Հեծելազորի ձիեր են, կրակոցներից չեն խրտնի։ Ես կգնամ ներքևի պահակակետը, և ինչ֊որ Պաբլոն էր անելու, ես կանեմ։ Այսպիսով մի հոգով կավելանանք։
 +
 +
― Լավ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես մտածում էի, որ դու այդ առաջարկությունը կանես։
 +
 +
― Հա, Ingles, ― ասաց Պիլարը շեշտակի նայելով նրան։ ― Մի՛ անհանգստանա։ Ամեն ինչ լավ կլինի։ Հիշիր, որ նրանք այսպիսի բան չեն սպասում։
 +
 +
― Ճիշտ ես, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Մի բան էլ, Ingles, ― ցածրաձայն ասաց Պիլարը, այնքան ցածրաձայն, որքան կարող էր լինել նրա խռպոտ ձայնը։ ― Ձեռքիդ ափի մասին, որ․․․
 +
 +
― Ի՞նչ ձեռքի ափ, ― ասաց նա զայրացած։
 +
 +
― Չէ, լսի՛ր։ Մի՛ զայրանա, մանչուկս։ Ափիդ մասին է խոսքս։ Այդ ամենը գնչուական անմտություն էր, ուզում էի աչքիդ բարձրանալ։ Ոչ մի բան էլ չկար։
 +
 +
― Լավ, հանգիստ թող, ― ասաց նա անհույզ։
 +
 +
― Ոչ, ― ասաց կինը խռպոտ ու մեղմ ձայնով։ ― Անմիտ սուտ էր, որ հորինեցի։ Չեմ ուզում, որ այսօր, կռվի օրով, դու անհանգստանաս։
 +
 +
― Ես անհանգստացած չեմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Ոչ, ingles, ― ասաց նա։ ― Դու շատ ես անհանգստացած, և անհանգստացած ես արդար դատի համար։ Բայց ամեն ինչ լավ կլինի, Ingles: Մենք սրա համար ենք աշխարհ եկել։
 +
 +
― Ես քաղաքական կոմիսարի կարիք չունեմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
Կինը նորից ժպտաց նրան, հաճելի ու անկեղծ մի ժպիտով, կոշտ ու պռոշտ շրթունքները լայն բաց արած, և ասաց․
 +
 +
― Ես քեզ շատ եմ սիրում, Ingles:
 +
 +
― Հիմա ինձ դա պետք չէ, ― ասաց նա։ ― Ni tu, ni dios:<ref>Ոչ դու, ոչ աստված (իսպ․):</ref>
 +
 +
― Այո, ― ասաց Պիլարը խուլ շշնջոցով։ ― Գիտեմ։ Պարզապես ուզեցի ասել։ Դու մի՛ անհանգստանա։ Ամեն ինչ լավ կլինի։
 +
 +
― Ինչո՞ւ չպիտի լինի, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և երեսի մաշկը թեթև կծկվեց ժպիտից։ ― Անպայման լավ կլինի։ Ամեն ինչ լավ կլինի։
 +
 +
― Ե՞րբ ենք շարժվում, ― հարցրեց Պիլարը։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը նայեց ժամացույցին։
 +
 +
― Թեկուզև հիմա, ― ասաց նա։
 +
 +
Ուսապարկերից մեկը երկարեց Անսելմոյին։
 +
 +
― Ո՞նց ես, ծերո՛ւկ, ― հարցրեց։
 +
 +
Ծերունին վերջին սեպն էր տաշում, դա Ռոբերտ Ջորդանի հանձնարարությունն էր։ Պետք էր մի քանի սեպ էլ ավել ունենալ։
 +
 +
― Լավ եմ, ― ասաց ծերունին ու գլխով արեց։ ― Առայժմ լավ եմ։ ― Ձեռքերը առաջ պարզեց։ ― Նայի՛ր, ― ասաց ու ժպտաց։ Ձեռքերը չէին դողում։
 +
 +
― Bueno, y que?<ref>Լավ․ հետո ի՞նչ (իսպ․):</ref> ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ամբողջ ձեռքս ես էլ կարող եմ պահել, ու չի դողա։ Ցցիր միայն մի մատդ։
 +
 +
Անսելմոն ցցեց մի մատը։ Մատը դողում էր։ Նա նայեց Ռոբերտ Ջորդանին ու գլուխը թափ տվեց։
 +
 +
― Իմն էլ, ահա, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և մատը ցցեց։ ― Միշտ էլ դողացել է։ Բնական բան է։
 +
 +
― Ես այդպիսի բան չգիտեմ, ― ասաց Ֆերնանդոն և ցցեց նախ աջ, ապա ձախ ցուցամատը։
 +
 +
― Իսկ թքել կարո՞ղ ես, ― հարցրեց Ագուստինն ու աչքով արեց Ռոբերտ Ջորդանին։
 +
 +
Ֆերնանդոն կոկորդը մաքրեց և, հպարտ֊հպարտ, գունդ թքեց հատակին, հետո սկսեց ոտով տրորել։
 +
 +
― Ի՞նչ ես անում, կեղտոտ ջորի, ― ասաց Պիլարը։ ― Քաջությունդ ես ցույց տալի՞ս, թքի՛ր, օջախի մեջ։
 +
 +
― Ես հատակին չէի թքի, Պիլար, եթե այս վայրը լքելու չլինեինք, ― վերամբարձ տոնով ասաց Ֆերնանդոն։
 +
 +
― Դե տես, որ այսօր թքելիս զգույշ լինես, ― ասաց Պիլարը։ ― Չլինի այնպիսի մի տեղ թքես, որտեղից չկարողանաս հետո հեռանալ։
 +
 +
― Այս կինը ոնց որ սև կատու լինի, ― ասաց Ագուստինը։ Նրա ջղագրգռությունը դրսևորվում էր կատակելու ցանկությամբ, այլապես նույն հոգեկան վիճակում էր, ինչ մյուսները։
 +
 +
― Կատակում եմ, ― ասաց Պիլարը։
 +
 +
― Ես էլ, ― ասաց Ագուստինը։ ― Բայց me cago la leche, ո՞ւր էր, շուտ սկսեինք այս գործը։
 +
 +
― Գնչուն որտե՞ղ է, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը Էլադիոյին։
 +
 +
― Ձիերի մոտ, ― ասաց Էլադիոն։ ― Քարայրի մուտքից երևում է։
 +
 +
― Նա ո՞նց է։
 +
 +
Էլադիոն քմծիծաղեց․
 +
 +
― Լավ վախեցած է, ― ասաց։ Խոսելով ուրիշի վախի մասին, նա սրտապնդվեց։
 +
 +
― Լսի՛ր, Ingles... ― սկսեց Պիլարը։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը նայեց նրան և տեսավ, որ կնոջ բերանը բաց էր մնացել, սեփական աչքերին չհավատացող մարդու արտահայտություն էր գծագրվել նրա դեմքին, արագ շրջվեց դեպի քարայրի մուտքն ու ձեռքը տարավ ատրճանակին։ Կանգնել էր Պաբլոն այդտեղ՝ տապճակը ձեռքով մի կողմ քաշած, ավտոմատի փողը ուսից վեր ցցված, կարճահասակ, թիկնեղ, մազակալած երեսով ու նայում էր իրենց՝ իր փոքր, կարմրած կոպերով աչքերն առանց որևէ մեկի վրա որոշակիորեն հառելու։
 +
 +
― Դո՞ւ․․․ ― աչքերին չհավատալով ասաց Պիլարը։ ― Դո՞ւ ես։
 +
 +
― Ես եմ, ― հանգիստ ասաց Պաբլոն։ Ներս եկավ։ ― Hola, Ingles, ― ասաց։ ― Հետս հինգ հոգի եմ բերել, Էլիասի ու Ալեխանդրոյի խմբերից, իրենց ձիերով։
 +
 +
― Իսկ պայթուցի՞չը, դետոնատորնե՞րը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Մնացած իրեր՞րը։
 +
 +
― Գցել եմ քարափից, գետը, ― ասաց Պաբլոն՝ շարունակելով նայել անորոշ ուղղությամբ։ ― Բայց մտածել եմ, հնար կա, կարելի է նռնակով։
 +
 +
― Դա ես էլ եմ մտածել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Խմելու բան ունե՞ս, ― հոգնած հարցրեց Պաբլոն։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը մեկնեց նրան իր տափաշիշը, Պաբլոն մի քանի կում արեց ու ձեռքի երեսով սրբեց բերանը։
 +
 +
― Ի՞նչ է կատարվում քեզ հետ, ― հարցրեց Պիլարը։
 +
 +
― Nada, ― ասաց Պաբլոն՝ նորից սրբելով բերանը, ― ոչինչ։ Վերադարձել եմ։
 +
 +
― Բայց ի՞նչ։
 +
 +
― Ոչինչ։ Թուլության մի պահ էր։ Թողեցի֊գնացի, հիմա վերադարձել եմ։ ― Դարձավ Ռոբերտ Ջորդանին։ ― En el fondo no soy cobarde, ― ասաց նա։ ― Խորքիս մեջ վախկոտ եմ։
 +
 +
Բայց շատ ու շատ ուրիշ բաներ ես, ասաց ինքն իրեն Ռոբերտ Ջորդանը։ Անիծված լինեմ, թե ճիշտ չեմ։ Ուրախ եմ, սակայն, որ նորից եմ տեսնում քեզ, շանորդի շուն։
 +
 +
― Հինգ հոգու միայն կարողացա բերել Էլիասի ու Ալեխանդրոյի մոտից, ― ասաց Պաբլոն։ ― Ձիուց չեմ իջել այստեղից գնալուց հետո։ Ինը հոգով դուք այս գործը գլուխ չէիք կարող բերել։ Երբեք։ Ես այդ բանը երեկ գիշեր հասկացա, երբ Ingles֊ը բացատրում էր։ Գլուխ չէիք բերի։ Երբեք։ Ներքևի պահակակետում յոթ զինվոր են, մեկ էլ կապրալը։ Ասենք ահազանգեցին կամ հրաձգություն սկսվեց։ ― Հիմա նա նայում էր Ռոբերտ Ջորդանին։ ― Ես կարծում էի, թե իմ գնալուց հետո դու կհասկանաս, որ այս գործը գլուխ բերելն անհնար է, ու կհրաժարվես։ Հետո որ իրերդ գցեցի, սկսեցի ուրիշ ձևով մտածել։
 +
 +
― Ուրախ եմ, որ նորից եմ տեսնում քեզ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Նա մոտեցավ Պաբլոյին։ ― Նռնակներով էլ կարող ենք պայթեցնել։ Կլինի։ Ոչինչ, որ մյուս իրերը չկան։
 +
 +
― Ո՛չ, ― ասաց Պաբլոն։ ― Ես քեզ համար ոչինչ չէի անի։ Դու չարիքի արմատ ես։ Ինչ փորձանք որ գալիս է, դու ես պատճառը։ Սորդոյինն էլ։ Բայց երբ իրերդ գցեցի, մենակ զգացի ինձ, շատ մենակ։
 +
 +
― Քո մերը․․․ ― ասաց Պիլարը։
 +
 +
― Դրա համար էլ գնացի մարդ ճարեցի, որպեսզի գործը գլուխ գա։ Բերել եմ ամենալավերին։ Ասել եմ մնան բարձունքում, մինչև հետդ խոսեմ։ Նրանք կարծում են, որ ես եմ հրամանատարը։
 +
 +
― Դու ես, ― ասաց Պիլարը։ ― Եղի՛ր, եթե ուզում ես։
 +
 +
Պաբլոն նայեց կնոջը և ոչ մի խոսք չարտասանեց։ Հետո պարզ ու հանգիստ ասաց․
 +
 +
― Սորդոյի դեպքից հետո շատ եմ մտածել։ Համոզվեցի, որ եթե մեռնելու ենք, ուրեմն միասին պետք է մեռնենք։ Բայց քեզ, Ingles, ատում եմ, դո՛ւ այս աղետը բերիր մեր գլխին։
 +
 +
― Բայց Պաբլո․․․ ― սկսեց Ֆերնանդոն՝ գրպանները նռնակներով լցրած, փամփշտակալն ուսից գցած և հացի կտորով տակավին ամանը սրբելով։ ― Դու չե՞ս հավատում գործողության հաջողությանը։ Երեկ չէ առաջի գիշերը դու ասում էիր, թե համոզված ես, որ հաջող կլինի։
 +
 +
― Միս ավելացրու դրա ամանի մեջ, ― չարացած ասաց Պիլարը Մարիային, հետո մեղմ հայացքով դարձավ Պաբլոյին․ ― Ուրեմն վերադարձա՞ր։
 +
 +
― Այո, կին, ― ասաց Պաբլոն։
 +
 +
― Լավ է, բարով ես եկել, ― ասաց Պիլարը։ ― Ես չէի հավատում, որ դու կործանված մարդ ես, ինչպես թվում էիր։
 +
 +
― Ես այդ բանն արեցի և հետո այնպես ինձ մենակ զգացի, որ չկարողացա դիմանալ, ― հանգիստ ասաց Պաբլոն։
 +
 +
― Չկարողացա՜ դիմանալ, ― ծաղրեց Պիլարը։ ― Դու նույնիսկ տասնհինգ րոպե մենակ չես դիմանա։
 +
 +
― Մի՛ ծաղրիր կին։ Չէ՞ որ արդեն վերադարձել եմ։
 +
 +
― Եվ բարով ես եկել, ― ասաց Պիլարը։ ― Արդեն մի անգամ ասել եմ, չե՞ս լսել։ Խմի՛ր, սուրճդ ու գնանք։ Հոգնեցի այս թատրոնից։
 +
 +
― Սո՞ւրճ է։
 +
 +
― Անշուշտ, ― ասաց Ֆերնանդոն։
 +
 +
― Լցրո՛ւ, Մարիա, ― ասաց Պաբլոն։ ― Դու ո՞նց ես, ― հարցրեց նա առանց նայելու աղջկան։
 +
 +
― Լավ, ― ասաց Մարիան ու թասով սուրճ բերեց նրան։ ― Միս ուզո՞ւմ ես։ ― Պաբլոն գլուխը թափ տվեց։
 +
 +
― No me gusta estar solo, ― Պաբլոն շարունակեց բացատրություն տալ Պիլարին, այնպես, կարծես մյուսներն այդտեղ չլինեին։ ― Չեմ սիրում մենակ լինել, sabes?<ref>Գիտե՞ս (իսպ․):</ref> Երեկ ամբողջ օրը ձիուց ցած չեմ իջել, և ոչ մի հոգնածություն չէի զգում, որովհետև մեր ընդհանուր գործի համար էի անում այդ բանը։ Բայց այս անցած գիշե՜րը։ Hombre! Que mal lo pase:<ref>Ինչ վատ անցկացրի (իսպ․):</ref>
 +
 +
― Քո նախնին՝ Հուդա Իսկարիովտացին, կախեց իրեն, ― ասաց Պիլարը։
 +
 +
― Այդպես մի՛ խոսիր, կի՛ն, ― ասաց Պաբլոն։ ― Չե՞ս տեսնում։ Վերադարձել եմ։ Ի՞նչ կարիք կա Հուդայի կամ այդ բաների մասին խոսելու։ Վերադարձել եմ։
 +
 +
― Այդ բերածներդ ի՞նչ մարդիկ են, ― հարցրեց Պիլարը։ ― Արժե՞ր բերել։
 +
 +
― Son buenos, ― ասաց Պաբլոն և մի պահ հանդգնեց ուղիղ նայել Պիլարի աչքերին, հետո նորից շրջեց հայացքը։
 +
 +
― Buenos y bobos: Լավ և հիմար։ Պատրաստ են մեռնելու, պատրաստ են ինչի ասես։ A tu gusto: Քո ճաշակի։ Դու սիրում ես այդպիսիներին։
 +
 +
Պաբլոն նորից նայեց Պիլարի աչքերին և այս անգամ հայացքը չփախցրեց։ Փոքր, կարմրած կոպերով խոզի աչքերը հառեց կնոջ վրա ու մնաց։
 +
 +
― Դո՜ւ, ― ասաց կինը, և նրա խռպոտ ձայնը նորից քնքշությամբ համակվեց։ ― Դո՜ւ։ Իմ կարծիքով, եթե մարդը ժամանակին ինչ֊որ բան ունեցել է, հետո ինչքան էլ անցնի, ինչ֊որ բան այնուամենայնիվ կմնա։
 +
 +
― Listo,<ref>Պատրաստ եմ (իսպ․):</ref> ― ասաց Պաբլոն՝ արդեն ուղիղ և անթարթ նայելով կնոջը։ ― Պատրաստ եմ, ինչ լինելու է՝ լինի։
 +
 +
― Հիմա ես հավատում եմ, որ վերադարձել ես, ― ասաց Պիլարը։ ― Հավատում եմ։ Բայց դու հեռո՜ւ, շա՜տ հեռու էիր մեկնել, Hombre:
 +
 +
― Տո՛ւր մի կում անեմ քո այդ շշից, ― ասաց Պաբլոն Ռոբերտ Ջորդանին։ ― Եվ արդեն գնանք։
 +
 +
 +
==Գլուխ երեսունութերորդ
 +
 +
 +
==Գլուխ երեսունիններորդ==
 +
 +
Մթության մեջ բարձրացան սարալանջն ի վեր, հետո դուրս եկան անտառից ու նեղ կիրճի կողքով գնացին առաջ։ Կքած ծանր բեռների տակ՝ նրանք դանդաղ շարժվում էին։ Ձիերն էլ էին բեռնված։
 +
 +
Ձիերի բեռները կարող ենք գցել, ― ասաց Պիլարը, ― եթե անհրաժեշտ լինի։ Վերցրել եմ, որովհետև կարող են պետք գալ նոր ճամբարում։
 +
 +
― Այս խուրջինների մեջ։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը կքել էր ուսապարկի տակ, նռնակներով ծանրացած բաճկոնի օձիքը սեղմում էր վիզը, ատրճանակը խփում ազդրին, ավտոմատի պահեստատուփերով խցկված շալվարի գրպաններն ուռել էին։ Սուրճի համը տակավին մնում էր բերանում։ Աջ ձեռքին ավտոմատն էր, ձախով բաճկոնի օձիքն իջեցրեց և անցկացրեց ուսապարկի փոկերի տակ, որպեսզի դրանք ուսերը չկտրեն։
 +
 +
― Ingles, ― ասաց մթության մեջ կողքով քայլող Պաբլոն։
 +
 +
― Ի՞նչ է, բարեկամ։
 +
 +
― Այս մարդիկ, որ եկել են հետս, կարծում են, թե գործը հաջող կլինի, որովհետև ես եմ նրանց բերել, ― ասաց Պաբլոն։ ― Դու այնպիսի բան չասես, որ հիասթափվեն։
 +
 +
― Լավ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց պիտի այնպես անենք, որ հաջող լինի։
 +
 +
― Հինգ ձի ունեն, Sabes? ― զգուշավորությամբ ասաց Պաբլոն։
 +
 +
― Լավ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Կպահենք մեր ձիերի հետ։
 +
 +
― Լավ, ― ասաց Պաբլոն ու լռեց։
 +
 +
Ես չեմ կարծում, իհարկե, որ Տարսոնի ճանապարհին դու լրիվ դարձի ես եկել, Պաբլո՛, բարեկամս, ասաց ինքն իրեն Ռոբերտ Ջորդանը։ Չէ՛։ Այն, որ վերադարձել ես, դա համարյա հրաշք է, սակայն չեմ կարծում, որ երբևէ հարց առաջանա քեզ սրբացնելու։
 +
 +
― Ներքևի պահակակետը, որ Սորդոն պետք է խփեր, ես այս հինգի հետ կգրավեմ, ― ասաց Պաբլոն։ ― Լարերը կկտրեմ ու կգամ կամուրջ, ոնց որ պայմանավորվել էինք։
 +
 +
Այս հարցի մասին մի քանի րոպե առաջ արդեն խոսել ենք, ասաց ինքն իրեն Ռոբերտ Ջորդանը։ Տեսնես նորից ինչո՞ւ այս․․․
 +
 +
― Գրեդոս գնալու հնարավորություն կա, ― ասաց Պաբլոն։ ― Իրոք կա, ես այդ մասին երկար եմ մտածել։
 +
 +
Երևի սրա գլխում մի նոր լուսավոր միտք է ծագել, ասաց ինքն իրեն Ռոբերտ Ջորդանը։ Մի նոր հայտնություն։ Բայց որ ուզում ես համոզել ինձ, թե ես էլ եմ այնտեղ հրավիրվածների թվում, չէ՛, Պաբլո՛, թույլ տուր չհավատալ։
 +
 +
Այն պահից, երբ Պաբլոն մտել էր քարայր ու ասել, որ հետը հինգ հոգի է բերել, Ռոբերտ Ջորդանի տրամադրությունը բարձրացել էր։ Պաբլոյի վերադարձից հետո չքացել էր գործողության վախճանի ողբերգական հեռանկարը, որը տանջում էր նրան այն րոպեից, երբ սկսեց ձյուն տեղալ։ Մտածում էր, որ բախտը երես է դարձրել իրենից, թեև չէր հավատում բախտին, բայց եկավ Պաբլոն և ամեն ինչ շրջվեց դեպի լավը, զգաց, որ լցվում է հաջողության հավատով, այնպես, ինչպես անվադողն է օդով լցվում, երբ փչում են պոմպով, սկզբում աննկատ, հետո կամաց֊կամաց բարձրանում է, բարձրանում, ինչպես ծովը մակընթացության ժամանակ, ինչպես ավիշը ծառի մեջ։ Եվ, ահա, բարձրանում էր իր մեջ բոլոր վատ նախազգացումներն հերքող այդ հավատը, որը հաճախ էր մարտերից առաջ գալիս ու այսպես երջանկության զգացողությամբ լցնում ողջ էությունը։
 +
 +
Սա մեծագույն պարգև էր, մի շնորհ, որը շատ էր պետք եկել պատերազմի ընթացքում։ Դա այն էր, որ նա կարող էր արհամարհել գործի վատ վախճանի հնարավորությունը, առանց, սակայն, անտեսելու այն։ Բայց վերջերս այս հատկությունն սկսել էր կորցնել, պատճառը ուրիշների կյանքի համար պատասխանատու լինելու հանգամանքը և գործողությունների անպետք կամ թերի ծրագրումներն էին։ Երբեք չի կարելի անտեսել գործի ձախողության, վատ վախճանի հնարավորությունը։ Դա մի անձի ապահովության հարց չէ, անձը կարելի է։ Անձը ոչինչ։ Նա ավելի քան համոզված էր, որ դա այդպես է։ Թեև վերջին մի քանի օրը հասկացավ, որ մի այլ անձի հետ ինքը կարող է դառնալ ամեն ինչ։ Բայց ներքուստ գիտեր, որ սա բացառություն էր։ Մի բան էր՝ վիճակվեց մեզ, մտածեց նա։ Այդտեղ իմ բախտը բերեց։ Եվ դա ինձ պարգևեց թերևս այն պատճառով, որ երբեք չէի խնդրել։ Դա ոչ ոք չի կարող խլել ինձանից,  ոչ էլ երբևիցե կկորցնեմ։ Բայց այս առավոտ դա արդեն անցավ֊գնաց և հիմա մեզ մնում է միայն մի բան՝ անել հանձնարարված գործը։
 +
 +
Իսկ հիմա դառնանք քեզ, ասաց ինքն իրեն, ես ուրախ եմ, որ դու քիչ առ քիչ նորից ես ձեռք բերում այն, ինչի պակասն այնպես ահավոր զգացվում էր որոշ ժամանակ։ Բայց սարսափելի ընկճված էիր։ Եղավ մի պահ, որ լավ ամաչեցի քեզ համար։ Բայց այդ դու ասածս ես էի։ Ուրիշ ես չկար, որ դատեր քեզ։ Մենք երկուսս էլ սարսափելի ընկճված էինք։ Եվ դու, և ես, և երկուսս միասին։ Դե լա՛վ։ Վերջ տուր շիզոֆրենիկի այդ մտածելակերպին։ Հիմա մեկն էլ է բավական։  Ա՛յ, վերստին կարգին մարդ դարձար։ Բայց լա՛վ լսիր՝ աղջկան պետք է մտքիցդ հանես այսօր։ Դու նրան պիտի պահպանես, իսկ դա կարող ես անել միայն մի ձևով՝ հեռու պահելով, և այդպես էլ կանես։ Ձիերը, ինչպես երևում է բոլոր նշաններից, կբավարարեն։ Լավագույն բանը, որ դու կարող ես անել աղջկա համար՝ գործդ կարգին և արագ գլուխ բերելն է ու այստեղից հեռանալը, իսկ նրանով ուղեղդ զբաղեցնելը կարող է միայն խանգարել։ Այնպես որ՝ նրա մասին այլևս չմտածես։
 +
 +
Այս խորհրդածություններից հետո կանգ առավ և սպասեց, մինչև որ Մարիան Պիլարի, Ռաֆայելի ու ձիերի հետ եկավ հասավ իրեն։
 +
 +
― Հը, guapa, ― ասաց աղջկան մթության մեջ, ― ո՞նց ես։
 +
 +
― Լավ եմ, Ռոբերտո, ― ասաց նա։
 +
 +
― Չանհանգստանաս, ― ասաց աղջկան և ավտոմատը վերցնելով ձախ ձեռքը՝ աջը դրեց նրա ուսին։
 +
 +
― Չեմ անհանգստանում, ― ասաց աղջիկը։
 +
 +
― Շատ լավ է ամեն ինչ կազմակերպված, ― ասաց աղջկան։ ― Ռաֆայելն ու դու կմնաք ձիերի մոտ։
 +
 +
― Ես ավելի շատ կուզեի քեզ հետ լինել։
 +
 +
― Ոչ։ Ձիերի մոտ դու ավելի օգտակար կլինես։
 +
 +
― Լավ, ― ասաց աղջիկը։ ― Կմնամ ձիերի մոտ։
 +
 +
Այդ պահին ձիերից մեկը խրխնջաց, և ներքևի ժայռերի միջից մի ուրիշ ձի սուր, դողացող ու անընդհատուն խրխնջոցով պատասխանեց նրան։ Ռոբերտ Ջորդանը քայլերն արագացրեց ու Պաբլոյի հետ մոտեցավ ձիուն։ Ձիերի կողքին մարդիկ էին կանգնած։
 +
 +
― Salud, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Salud, ― պատասխանեցին նրանք մթության մեջ։
 +
 +
Նրանց դեմքերը չէր տեսնում։
 +
 +
― Սա մեզ հետ եկող Ingles֊ն է, ― ասաց Պաբլոն։ ― Դինամիտավոր է։
 +
 +
Ոչ մեկը չարձագանքեց, թերևս գլխով արեցին մթության մեջ։
 +
 +
― Գնա՛նք, Պաբլո՛, ― ասաց մեկը։ ― Շուտով կլուսանա։
 +
 +
― Նռնակներ բերե՞լ եք, ― հարցրեց մեկ ուրիշը։
 +
 +
― Ինչքան ասես, ― ասաց Պաբլոն։ ― Երբ որ ձիերը թողնենք, վերցրեք ինչքան պետք է։
 +
 +
― Դե գնա՛նք, ― ասաց մեկ ուրիշը։ ― Գիշերվա կեսն սպասելով անցկացրինք։
 +
 +
― Hola, Պիլա՛ր, ― ասաց մեկ ուրիշը, երբ մոտեցավ կինը։
 +
 +
― Que me maten,<ref>Թող մեռնեմ (իսպ․):</ref> եթե սա Պեպեն չէ, ― խռպոտ ձայնով ասաց Պիլարը։ ― Ո՞նց ես, հովիվ։
 +
 +
― Լավ, ― ասաց տղամարդը։ ― Dentro de la gravedad:
 +
 +
― Այդ ի՞նչ ձի է, ― հարցրեց Պիլարը։
 +
 +
― Պաբլոյի մոխրագույնը, ― ասաց նա։ ― Հզոր ձի է։
 +
 +
― Արի, ― ասաց մի ուրիշ մարդ։ ― Գնացինք։ Լեզվին տալու ժամանակը չէ։
 +
 +
― Դու ո՞նց ես, Էլիսիո, ― հարցրեց Պիլարը նրան, երբ նա նստում էր թամբին։
 +
 +
― Ո՞նց պիտի լինեմ, ― ասաց նա կոպտորեն։ ― Թարգ տուր, կի՛ն, մենք գործ ունենք։
 +
 +
Պաբլոն հեծավ իր աշխետ ձին։
 +
 +
― Բերաններդ փակեք ու եկեք իմ ետևից, ― ասաց նա։ ― Գնանք ցույց տամ, թե որտեղ ենք թողնելու ձիերը։
 +
 +
 +
==Գլուխ քառասուներորդ==
 +
 +
Ռոբերտ Ջորդանը քնել էր, հետո արթնացել, կամուրջը պայթեցնելու ծրագիր կազմել, ապա եղել Մարիայի հետ, իսկ Անդրեսը հանրապետականների առաջապահ գծերում էր տակավին։ Ֆաշիստների տիրապետության տակ գտնվող հողերը նա շատ արագ էր անցել, այսինքն ինչքան կարող է տեղանքին լավ ծանոթ առողջ ու ամուր գյուղացին խավար գիշերով։ Հանրապետականների գծերն հասնելու հետ ընթացքը դանդաղել էր։
 +
 +
Նրան թվում էր, թե բավական է ցույց տա Ռոբերտ Ջորդանի տված անցագիրն ու զեկուցագիրը՝ ՌՀԾ֊ի կնիքը վրան, և բոլորը կօգնեն իրեն, որպեսզի ծրարը շտապ տեղ հասցնի։ Բայց դեռևս սահմանի վրա բախվեց հանրապետական մի վաշտի հրամանատարի, որն իր ամբողջ առաքելությունը բվեճի նման կասկածի տակ առավ։
 +
 +
Այդ վաշտի հրամանատարը նրան տարավ գումարտակի հրամանատարի մոտ, որը պատերազմից առաջ սափրիչ էր եղել, սա որ լսեց առաքելության մասին, ոգևորվեց։ Նրա անունը Գոմես էր, նա նախատեց վաշտի հրամանատարին, որ այդքան հիմար է գտվել, թփթփացրեց Անդրեսի ուսին, մի անպետք կոնյակ հյուրասիրեց և ասաց, որ ինքը՝ նախկին սափրիչը, միշտ երազել է guerrillero լինել։ Հետո զարթնեցրեց համհարզին, գումարտակը հանձնեց նրան և հանձնակատարին ասաց, որ գնա մոտոցիկլիստին կանչի։ Բայց մեկ էլ որոշեց ոչ թե մոտոցիկլիստի հետ ուղարկել Անդրեսին, այլ անձամբ տանել բրիգադի շտաբ, որպեսզի գործերն արագացնի։ Անդրեսը նստեց ետևը, ամուր կառչեց դիմացի բռնակից, և մոտոցիլը դար ու փոսերի վրայով թռչկոտելով առաջ շարժվեց ռումբերից ավերված ճանապարհով։ Ցոլարձակ լապտերի լույսն ընկնում էր խճուղու երկու կողմերին բարձրացած ծառերի բներին, որոնց կրապատ կեղևները պոկոտվել էին արկերի բեկորներից, երբ այդ վայրերում պատերազմի առաջին օրերին մարտեր էին տեղի ունեցել։ Ճանապարհից թեքվեցին ու մտան լեռնային ամառանոցային մի գյուղակ։ Բրիգադի շտաբն այդտեղ էր տեղավորված։ Գոմեսը մրցարշավորդի վարպետությամբ արգելակեց մեքենան, հետո հենց տան պատին և քնաթաթախ ժամապահի կողքով, որը պատվի առավ, իրեն գցեց մի մեծ սենյակ, որտեղ պատերից քարտեզներ էին կախված և մի սպա, կանաչ հովարն հոնքերին, համարյա քնած, նստել էր սեղանի դիմաց՝ առաջը մի լուսամփոփ, երկու հեռախոս և Mundo brero֊ի մի համար։
 +
 +
Սպան նայեց Գոմեսին։
 +
 +
― Ինչո՞ւ ես այստեղ, ― ասաց։ ― Հեռախոսի գոյության մասին չե՞ս լսել։
 +
 +
― Ես պետք է փոխգնդապետին տեսնեմ, ― ասաց Գոմեսը։
 +
 +
― Նա քնած է, ― ասաց սպան։ ― Հեծանիվիդ լապտերի լույսը մի կիլոմետրից երևում էր։ Ի՞նչ է, ուզում ես ռմբակոծել սկսե՞ն։
 +
 +
― Կանչիր փոխգնդապետին, ― ասաց Գոմեսը։ ― Սա չափազանց կարևոր գործ է։
 +
 +
― Ասացի քնած է։ Իսկ դա ի՞նչ բանդիտ է հետդ, ― ասաց սպան ու գլխով ցույց տվեց Անդրեսին։
 +
 +
― Guerrillero է, ռազմաճակատի գծի մյուս կողմից, զեկուցագիր է բերել գեներալ Գոլցին, նրան, որը ղեկավարում է Նավասեռադայի մոտ վաղն առավոտյան նախատեսվող հարձակումը, ― հուզված ու ընդգծված լրջությամբ ասաց Գոմեսը։ ― Արթնացրու Teniente-Coronel֊ին, ի սեր աստծո։
 +
 +
Սպան նայեց նրան կանաչ ցելյուլոիդե հովարի տակ պատսպարված կիսախուփ աչքերով։
 +
 +
― Դուք բոլորդ էլ գժվել եք, ― ասաց նա։ ― Ես ոչ մի գեներալ Գոլց չգիտեմ, ոչ էլ որևէ հարձակման մասին տեղեկություն ունեմ։ Վերցրու սպորտսմենիդ ու վերադարձի՛ր գումարտակդ։
 +
 +
― Քեզ ասում եմ արթնացրու Teniente-Coronel֊ին, ― ասաց Գոմեսը և Անդրեսը տեսավ, որ նրա ատամները սեղմվեցին։
 +
 +
― Դե ռադ եղիր, ― ծույլ֊ծույլ ասաց սպան և երեսը շրջեց։
 +
 +
Գոմեսը պատյանից դուրս քաշեց իր ինը միլիմետրանոց ծանր «Ստար» ատրճանակն ու դեմ արեց սպայի ուսին։
 +
 +
― Արթնացրո՛ւ, ֆաշիստ պոռնկորդի՛, ― ասաց նա։ ― Արթնացրո՛ւ, թե չէ կսպանեմ։
 +
 +
― Հանգի՛ստ, ― ասաց սպան։ ― Շատ տաքարյուն եք սափրիչներդ։
 +
 +
Լուսամփոփի լույսի տակ Անդրեսը տեսավ Գոմեսի դեմքը, որը ատելությունից ձգվել ու ծռվել էր։ Բայց նա միայն «արթնացրու» էր ասում, ուրիշ ոչինչ չէր անում։
 +
 +
― Հանձնակատա՛ր, ― կանչեց սպան արհամարհալից ձայնով։
 +
 +
Դռան մեջ մի զինվոր երևաց, պատվի առավ ու դուրս գնաց։
 +
 +
― Այսօր նրա նշանածն է մոտը, ― ասաց սպան և նորից շարունակեց սեղանին դրված թերթը կարդալ։ ― Քեզ որ տեսնի, շատ կուրախանա, չկասկածես։
 +
 +
― Քեզպեսներն են, քեզպեսները, դուք ամեն ինչ անում եք, որպեսզի մենք պատերազմը տանուլ տանք, ― ասաց Գոմեսը շտաբի սպային։
 +
 +
Սպան ուշադրության չարժանացրեց նրա խոսքերը։ Շարունակեց կարդալ, հետո կարծես ինքն իրեն, ասաց․
 +
 +
― Ա՛յ, թե թերթ է, շատ հետաքրքիր է։
 +
 +
― Իսկ ինչո՞ւ El Debate չես կարդում։ Դա է ձեր թերթը, ― ասաց Գոմեսը՝ տալով պատերազմից առաջ Մադրիդում լույս տեսնող կաթոլիկական֊պահպանողական գլխավոր օրգանի անունը։
 +
 +
― Մի՛ մոռացիր, որ ես քեզանից բարձրաստիճան սպա եմ և իմ զեկուցագիրը կարող է ծանր նստել վրադ, ― ասաց սպան առանց հայացքը բարձրացնելու։ ― Ես երբեք El Debate չեմ կարդացել։ Սուտ մեղադրանքներդ պահիր քեզ։
 +
 +
― Չես կարդում։ Չէ՛։ Դու A. B. C․<ref>Միապետականների օրգանը</ref> ես կարդում, ― ասաց Գոմեսը։ ― Բանակում վխտում են տակավին քեզպեսները։ Պրոֆեսիոնալներ։ Մի կողմից տգետներ, մյուս կողմից ցինիկներ։ Մնացել ենք երկուսի արանքում։ Բայց մենք մերը կանենք։ Ում դաստիարակելու է կդաստիարակենք, ում չէ՝ կոչնչացնենք։
 +
 +
― «Կմաքրենք», երևի այս բառն էիր փնտրում, ― ասաց սպան՝ դեռևս չբարձրացնելով հայացքը։ ― Ահա, հաղորդագրություն քո փառահեղ ռուսների մաքրումների մասին։ Ավելի հիմնավոր են մաքրում, քան անգլիական աղը։
 +
 +
― Ինչ անուն ուզում ես տուր, ― բորբոքված ասաց Գոմեսը, ― ինչ անուն ուզում ես տուր, միայն թե քեզպեսները լիկվիդացվեն։
 +
 +
― Լիկվիդացնել, ― անպատկառորեն, կարծես ինքն իր հետ խոսլով, ասաց սպան։ ― Եվս մի բառ, որի մեջ ոչ մի կաստիլիական բան չկա։
 +
 +
― Ուրեմն գնդակահարել, ― ասաց Գոմեսը։ ― Սա կաստիլերեն է։ Սա հասկանալի՞ է։
 +
 +
― Այո՛, բարեկամ, բայց այդքան բարձր մի՛ խոսիր։ Բրիգադի շտաբում միայն Teniente-Coronel֊ը չէ, ուրիշ մարդիկ էլ կան քնած, բացի այդ, ձանձրացնում է ինձ քո այդ տաքարյուն֊տաքարյուն խոսելը։ Սրա համար է, որ միշտ ինքս եմ իմ երեսը ածիլել։ Չեմ սիրում, որ շատ են խոսում։
 +
 +
Գոմեսը նայեց Անդրեսին ու գլուխը թափ տվեց։ Կատաղությունից ու ատելությունից արտասվակալած աչքերը փայլում էին։ Բայց նա միայն գլուխը տարուբերեց և ոչինչ չասաց, ասելիքը ներս գցեց՝ պահելով ապագայի ինչ֊որ օրվա։ Այս մեկուկես տարվա ընթացքում նա Սիեռայում բարձրացել էր մինչև գումարտակի հրամանատարի պաշտոնին և շատ բան էր ներս գցել, և հիմա էլ, երբ փոխգնդապետը, հագին պիժամա, մտավ սենյակ, նա զգաստ կանգնեց ու պատվի առավ։
 +
 +
Փոխգնդապետ Միրանդան՝ կարճահասակ, գորշ դեմքով մի տղամարդ, որն ամբողջ կյանքն անցկացրել էր բանակում, Մադրիդում կորցրել էր կնոջ սերը, իսկ Մարոկկոյում ստամոքսի առողջությունը, հանրապետական էր դարձել, երբ համոզվել էր, որ ապահարզան չի կարող ստանալ (մարսողությունը վերականգնելու միջոց չկար), քաղաքացիական պատերազմն սկսել էր փոխգնդապետի աստիճանով։ Նա միայն մի ցանկություն ուներ՝ նույն աստիճանով էլ ավարտել պատերազմը։ Սիեռայի պաշտպանությունը հաջողությամբ էր գլուխ բերել և կուզենար, որ իրեն այդտեղ էլ թողնեին, եթե երբևիցե նորից հարկ լիներ պաշտպանվելու։ Պատերազմի ընթացքում շատ ավելի լավ էր զգում, հավանաբար այն պատճառով, որ մսեղենի գործածության հնարավորությունը պակասել էր, ուներ երկածխաթթվային սոդայի հսկայական մի պաշար, երեկոները վիսկի էր խմում, իսկ քսաներեքամյա սիրուհին, ինչպես բոլոր այն աղջիկները, որոնք անցյալ տարվա հուլիսից հետո miliciana էին դարձել, երեխա էր սպասում։ Փոխգնդապետը գլխով արեց պատվի առած Գոմեսին, մոտեցավ ու ձեռք տվեց։
 +
 +
― Ի՞նչն է բերել քեզ, Գոմես, ― հարցրեց նրան ու հետո դարձավ սեղանի առջև նստած սպային․ ― խնդրում եմ մի սիգարետ տաս, Պեպե՛։
 +
 +
Գոմեսը ցույց տվեց Անդրեսի փաստաթղթերն ու ծրարը։ Փոխգնդապետն արագ աչքի անցկացրեց Salvocomducto֊ն, նայեց Գոմեսին, գլխով արեց ու ժպտաց, հետո չթաքցված հետաքրքրասիրությամբ նայեց ծրարին, ցուցամատով շոշափեց կնիքը և թղթերը վերադարձրեց Անդրեսին։
 +
 +
― Ո՞նց է, դժվա՞ր է կյանքը սարերում, ― հարցրեց։
 +
 +
― Ոչ, իմ փոխդնդապետ, ― ասաց Անդրեսը։
 +
 +
― Ասե՞լ են քեզ, թե որ կետերին է ավելի մոտ գեներալ Գոլցի շտաբը։
 +
 +
― Նավասեռադային, իմ փոխգնդապետ, ― ասաց Անդրեսը։ ― Ingles֊ն ասաց, որ Նավասեռադայի մոտ է, ռազմաճակատի գծերից դենը, աջի վրա։
 +
 +
― Ի՞նչ Ingles, ― հանգիստ հարցրեց փոխգնդապետը։
 +
 +
― Ingles֊ը, որն եկել է մեզ մոտ որպես դինամիտավոր։
 +
 +
Փախգնդապետը գլխով արեց։ Եվս մի անբացտրելի, այս պատերազմին հատուկ տարօրինկություն՝ «Ingles֊ը, որն եկել է մեզ մոտ որպես դինամիտավոր»։
 +
 +
― Լավ կլինի ինքդ քո մոտոցիկլով տանես, Գոմես, ― ասաց փոխգնդապետը։ ― Մի ազդեցիկ Salvoconducto գրիր գեներալ Գոլցի Estado Mauor֊ի վրա, տուր ստորագրեմ, ― ասաց կանաչ ցելյուլոիդե հովարով սպային։ ― Լավ կլինի մեքենագրես, Պեպե։ Տվյալներն այստեղ կան, ― Անդրեսին նշան արեց, որ անցագիրը տա, ― և երկու տեղով կնքիր։ Այս գիշեր անհրաժեշտ է ազդեցիկ թուղթ ունենալ, ― ասաց Գոմեսին։ ― Եվ դա է ճիշտը։ Երբ հարձակում է նախապատրաստվում, պետք է զգույշ լինել։ Կաշխատեմ ինչքան հնարավոր է ազդեցիկ թուղթ տալ ձեզ։ ― Հետո դարձավ Անդրեսին և քնքշորեն ասաց․ ― Որևէ բան չէի՞ր ցանկանա։ Խմե՞լ, ուտե՞լ։
 +
 +
― Ոչ, իմ փոխգնդապետ, ― ասաց Անդրեսը։ ― Վերջին պահակակետում կոնյակ հյուրասիրեցին, եթե նորից խմեմ, վատ կզգամ։
 +
 +
― Այստեղ գալիս մեր դիրքերի մոտերքում տեղաշարժեր նկատեցի՞ր, ― սիրալիր հարցրեց փոխգնդապետը Անդրեսին։
 +
 +
― Սովորականի պես, իմ փոխգնդապետ։ Խաղաղ էր։ Խաղաղ։
 +
 +
― Ես քեզ երեք ամիս առաջ Սերսեդիլայում չե՞մ տեսել, ― հարցրեց փոխգնդապետը։
 +
 +
― Տեսել եք, իմ փոխգնդապետ։
 +
 +
― Այդպես էլ կարծում էի, փոխգնդապետը թփթփացրեց նրա ուսին։ ― Ծերունու հետ էիր, Անսելմոյի։ Նա ո՞նց է։
 +
 +
― Լավ է, իմ փոխգնդապետ, ― ասաց Անդրեսը։
 +
 +
― Բարի։ Ուրախ եմ, ― ասաց փոխգնդապետը։
 +
 +
Սպան ցույց տվեց մեքենագրածը, փոխգնդապետը կարդաց, ստորագրեց։
 +
 +
― Հիմա պետք է շտապենք, ― ասաց Գոմեսին ու Անդրեսին։ ― Մոտոցիկլի հետ զգույշ վարվեք, ― ասաց Գոմեսին։ ― Լապտերը միացրո՛ւ։ Մի մոտոցիկլից բան չի պատահի, բայց զգույշ քշիր։ Ողջյուններ հաղորդիր ընկեր գեներալ Գոլցին։ Ծանոթացել ենք Պեգերինոսի մարտերից հետո։ ― Սեղմեց երկուսի ձեռքն էլ։ ― Շապիկիդ գրպանը կոճկիր, ― ասաց։ ― Քամին կարող է թղթերդ թռցնել, մոտոցիկլով եք։
 +
 +
Նրանց դուրս գալուց հետո նա մոտեցավ պահարանին, վերցրեց բաժակն ու շիշը, վիսկի լցրեց, հետո հատակին դրված կավե կժից ջուր ավելացրեց և, պատից կախված մեծ քարտեզի առջև կանգնած ու կում֊կում վիսկի խմելով, սկսեց քննել Նավասեռադայի տակ նախապատրաստվող հարձակման հաջողության հնարավորությունները։
 +
 +
― Ուրախ եմ, որ ես չեմ այնտեղ, այլ Գոլցը, ― ասաց վերջապես սեղանի դիմաց նստած սպային։ Սպան չպատասխանեց, փոխգնդապետն հայացքը կտրեց քարտեզից, դարձավ սպային և տեսավ, որ նա գլուխը դրել է թևին ու քնել, մոտեցավ սեղանին, հեռախոսները աջ ու ձախ կողմից կպցրեց սպայի գլխին, հետո նորից վիսկի և ջուր լցրեց բաժակն ու կանգնեց քարտեզի դիմաց։
 +
 +
Անդրեսը նստել և ամուր կառչել էր բռնակից, մինչ Գոմեսը շարժիչն էր գործի դնում։ Աղմուկն ու լույսը ահա ճեղքեցին խավարը և մոտոցիկլը սլացավ բարդիներով եզերված գյուղի սև, մութ ճանապարհով, Անդրեսը գլուխը հակեց, որպեսզի պատսպարի քամուց, հետո, երբ իջան գետափ, սև խավարը մշուշվեց, դարձավ դեղնավուն, և նորից սև֊մութ, երբ ճանապարհը գնաց դեպի վեր։ Խաչմերուկի վրա մոտոցիկլի լապտերի լույսի տակ երևացին սարերից իջնող բեռնաթափված մեքենաները։
 +
 +
 +
==Գլուխ քառասունմեկերորդ==
 +
 +
Պաբլոն կանգնեցրեց ձին և մթության մեջ ցած իջավ, Ռոբերտ Ջորդանը լսեց թամբերի ճռռոցը, ձիերից իջնող մարդկանց ծանր շնչառությունը, լկամի զնգոց, երբ մի ձի գլուխը թափահարեց։ Ձիահոտ առավ, անլվա շորերով քնած֊վեր կացած նորեկների վրայից քրտնքի հոտ փչեց, քարայրում քնածներին փայտի ծխի հոտն էր ամուր կպել։ Պաբլոն կողքին էր, նրանից արույրի, թթված գինու հոտ էր փչում, այնպիսի զգացողություն էր, կարծես բերանիդ մի անկյունում սև մետաղադրամ լիներ։ Ռոբերտ Ջորդանը սիգարետը վառեց ու պահեց ափի մեջ, որպեսզի լույսը չնկատվի, հետո լսեց, որ Պաբլոն շատ ցածր ձայնով կնոջն ասում է․ «Պիլար, ես մինչև ձիերի ոտնակապերը գցեմ, դու նռնակի պարկն իջեցրու»։
 +
 +
― Ագուստինո, ― շշնջալով ասաց Ռոբերտ Ջորդանը, ― դու և Անսելմոն կամուրջ եք գալու, ինձ հետ։ Maquina֊ի սկավառակների պարկը վերցրե՞լ ես։
 +
 +
― Այո, ― ասաց Ագուստինը։ ― Իհարկե։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը մոտեցավ Պիլարին, կինը ձիերից մեկի բեռներն էր իջեցնում Պրիմիտիվոյի օգնությամբ։
 +
 +
― Լսի՛ր, կի՛ն, ― ասաց ցածրաձայն։
 +
 +
― Ի՞նչ կա, ― խռպոտ ձայնով շշնջաց Պիլարը, ձիու փորատակի գոտին արձակելով։
 +
 +
― Հասկացա՞ր, որ պահակակետի վրա հարձակվելու եք միայն ռմբակոծությունն սկսվելուց հետո։
 +
 +
― Քանի՞ անգամ ես ասելու, ― ասաց Պիլարը։ ― Դառնում ես պառաված կնիկ։
 +
 +
― Ուզում եմ մի անգամ ևս ստուգել, հենց այդքան, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ժամապահներից ոչնչացնելուց հետո կգաք կամուրջ և կծածկեք ճանապարհի վերևի մասն ու իմ ձախ թևը։
 +
 +
― Դեռ այն ժամանակ, երբ առաջին անգամ բացատրեցիր, ես ամեն ինչ հասկացա, նույն բանը նորից մի՛ պատմիր, ― շշնջաց Պիլարը։ ― Գնա՛, գնա տես ինչ ես անում։
 +
 +
― Մինչև ռմբակոծությունը չսկսվի, ոչ մի շարժում, ոչ մի կրակոց, ոչ մի նռնակ, ― ցածրաձայն ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Դե էլ հոգի մի՛ ուտի, ― զայրացած շշնջաց Պիլարը։ ― Դեռ այնտեղ՝ Սորդոյի մոտ ես այդ բոլորը հասկացա։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը գնաց Պաբլոյի մոտ, որը ձիերի ոտնակապերն էր գցում։
 +
 +
― Միայն նրանց ոտներին կապ գցեցի, որոնք կարող են խրտնել, ― ասաց Պաբլոն։ ― Իսկ սրանց, հենց այնպես եմ կապել, մի թեթև քաշես՝ կարձակվեն։
 +
 +
― Լավ։
 +
 +
― Աղջկան ու գնչուին կասեմ, թե ոնց վարվեն, ― ասաց Պաբլոն։ Նրա բերած մարդիկ առանձնացած կանգնել էին խմբով ու հենվել կարաբիններին։
 +
 +
― Հասկացե՞լ ես ամեն ինչ, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Ինչո՞ւ չէ, ― ասաց Պաբլոն։ ― Ոչնչացնել ժամապահներին։ Կտրել լարերը։ Վերադառնալ կամուրջ։ Կամուրջը ծածկել, մինչև որ պայթեցնես։
 +
 +
― Եվ ոչ մի բան չանել, մինչև ռմբակոծել չսկսեն։
 +
 +
― Ճիշտ է։
 +
 +
― Դե լավ, հաջողություն։
 +
 +
Պաբլոն ինչ֊որ բան մռթմռթաց։ Հետո ասաց․
 +
 +
― Դու մեզ այդ քո մեծ ու փոքր maquina֊ներով ծածկելո՞ւ ես, Ingles, երբ սկսենք նահանջել։
 +
 +
― De la primera, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ոնց որ պետք է։
 +
 +
― Ուրեմն, ― ասաց Պաբլոն։ ― Էլ ոչ մի բան։ Բայց շատ զգույշ պետք է լինես, Ingles: Եթե զգույշ չլինես, իմացի՛ր, դա բարդ բան է։
 +
 +
― Maquina֊ի ետևը ես եմ լինելու, անձամբ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Իսկ դու դրա լեզուն լավ գիտե՞ս։ Որովհետև ես չեմ ուզում Ագուստինի գնդակից ընկնել, ինչքան էլ լավ մտադրությամբ նա այդ բանն անի։
 +
 +
― Ես դրա լեզուն շատ լավ գիտեմ։ Հավատա՛։ Իսկ եթե կրակողը Ագուստինը լինի, կհետևեմ, որ կրակը ձեր գլխավերևում պահի, բարձր, շատ բարձր։
 +
 +
― Որ այդպես է, էլ ոչինչ չունեմ, ― ասաց Պաբլոն։ Հետո ցածրաձայն ու որպես գաղտնիք՝ ավելացրեց։ ― Բայց ձիերն էլի քիչ են։
 +
 +
Շան որդի, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Մի՞թե կարծում է, որ ես գլխի չեմ ընկել դեռևս առաջին իսկ րոպեից։
 +
 +
― Ես ոտով կգնամ, ― ասաց նա։ ― Ձիերի մասին դու հոգա։
 +
 +
― Չէ՛, քեզ համար ձի կլինի, Ingles, ― ցածրաձայն ասաց Պաբլոն։ ― Բոլորիս համար էլ ձի կլինի։
 +
 +
― Դա արդեն քո գործն է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ինձ կարող ես չհաշվել։ Նոր maquina֊յիդ փամփուշտները բավակա՞ն են։
 +
 +
― Այո, ― ասաց Պաբլոն։ Սպանված ձիերի մոտ եղածը լրիվ վերցրել եմ։ Չորս հատ եմ միայն կրակել, փորձելու համար։ Երեկ գիշեր եմ փորձել, սարերում։
 +
 +
― Դե՛, մենք գնացինք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Քանի չի լուսացել, պետք է տեղ հասնենք ու դարան մտնենք։
 +
 +
― Բոլորս էլ գնանք արդեն, ― ասաց Պաբլոն։ ― Suerte,<ref>Հաջողություն եմ մաղթում (իսպ․):</ref> Ingles:
 +
 +
Տեսնես էլի ի՞նչ է ծրագրում պոռնկորդին, ասաց ինքն իրեն Ռոբերտ Ջորդանը։ Բայց վստահ եմ, դա է, իմ իմացածը։ Դե լավ, դա արդեն իր գործն է։ Փառք աստծո, որ այդ մարդկանց չեմ ճանաչում։
 +
 +
Նա մեկնեց ձեռքն ու ասաց․
 +
 +
― Suerte, Pablo, ― և նրանց ձեռքերը միացան ու սեղմվեցին խավարում։
 +
 +
Երբ Ռոբերտ Ջորդանը մեկնում էր ձեռքը, մտածում էր, որ այնպիսի զգացողություն է ունենալու, որպիսին ունենում է մարդ սողունի կամ կամ բորոտի ձեռք տալիս։ Նա չգիտեր, որ նույնն էլ Պաբլոն է զգում։ Բայց Պաբլոյի ձեռքը մթության մեջ այնպես ամուր ու անկեղծորեն սեղմեց իր ձեռքը, որ ինքը ևս նույնպիսի սեղմումով պատասխանեց նրան։ Նույնիսկ ինչ֊որ հաճելի զգացողություն ունեցավ այդ ձեռքսեղմումից, այդ առավոտվա ամենատարօրինակ զգացողությունը։ Հիմա մենք պիտի է դաշնակիցներ լինենք, մտածեց նա։ Դաշնակիցները միշտ իրար ձեռք են սեղմում։ Դեռ չեմ ասում, որ իրար պարգևատրում են, պաչպչվում, մտածեց նա։ Ուրախ եմ, որ ստիպված չեմ այդ բանն անելու։ Կարծում եմ, որ բոլոր դաշնակիցներն էլ այսպես են։ Նրանք միշտ էլ ատում են իրար au fond:<ref>Խորքում (ֆր․):</ref> Բայց այս Պաբլոն արտասովոր մարդ է։
 +
 +
― Suerte, Պաբլո՛, ― ասաց և ուժեղ սեղմեց այդ տարօրինակ, ամուր, խորհրդավոր ձեռքը։
 +
 +
― Ցավում եմ, որ իրերդ տարա, ― ասաց Պաբլոն։ ― Ուղեղս մթագնել էր։
 +
 +
― Բայց դու բերեցիր այն, ինչի կարիքն ունեինք։
 +
 +
― Կամրջի հարցում հիմա քեզ հետ համաձայն եմ, Ingles, ― ասաց Պաբլոն։ ― Տեսնում եմ, որ հաջող է ավարտվելու։
 +
 +
― Այդ ի՞նչ եք անում։ Maricones եք դարձել, հա՞, ― ասաց հանկարծակի նրանց կողքին հայտնված Պիլարը։ ― Քեզ միայն դա էր պակաս, ― ասաց Պաբլոյին։ ― Գնանք, Ingles, վերջ տուր քո այդ «բարի ճանապարհներիդ», քանի դեռ մնացած դինամիտդ էլ չի գողացել։
 +
 +
― Դու ինձ չես հասկանում, կի՛ն, ― ասաց Պաբլոն։ ― Ingles֊ն ու ես իրար հասկանում ենք։
 +
 +
― Քեզ ոչ ոք չի հասկանում։ Ոչ աստված, ոչ նույնիսկ մայրդ, ― ասաց Պիլարը։ ― Ոչ էլ ես։ Գնանք, Ingles: Հրաժեշտ տուր խուզած գլխիկիդ ու գնանք։ Me cago en tu padre,<ref>Իսպանական հայհոյանք։</ref> բայց սկսում եմ մտածել, որ վախեցել ես ցուլի տեսքից։
 +
 +
― Քո մերը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Դու չունես, որ ես էլ ասեմ, ― ուրախ շշնջաց Պիլարը։ ― Դե գնանք, այնպես եմ ուզում այս գործը շուտ անել ու պրծնել։ Դու էլ գնա հասիր տղաներիդ, ― ասաց Պաբլոյին։ ― Ո՞վ իմանա, թե ինչքան ժամանակ դրանք իրենց որոշումի մեջ կմնան։ Դրանց մեջ մի երկուսը կան, որոնց հետ ես գործ չէի բռնի։ Գնա՛, վերցրո՛ւ ու գնա։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը ուսապարկը գցեց թիկունքին ու գնաց ձիերի կողմը՝ Մարիային գտնելու։
 +
 +
― Մնաս բարով, guapa, ― ասաց նա։ ― Շուտով կտեսնվենք։
 +
 +
Անիրական մի զգացողություն ունեցավ այդ պահին, նրան թվաց, որ սա ինչ֊որ ժամանակ արդեն եղել էր, կարծես գնացքը պատրաստ է շարժվելու, այո՛, հենց գնացքը, և ինքը կանգնել է կառամատույցում։
 +
 +
― Գնաս բարով, Ռոբերտո՛, ― ասաց աղջիկը։ ― Զգույշ կլինես։
 +
 +
― Անպայման, ― ասաց նա։
 +
 +
Կռացավ, որպեսզի համբուրի աղջկան, ուսապարկը սահեց, ընկավ ծոծրակին, և ճակատը բախվեց աղջկա ճակատին։ Եվ նրան թվաց, որ դա էլ է արդեն պատահել։
 +
 +
― Մի՛ լար, ― ասաց ինչ֊որ անճարակ դարձած, և դա ուսապարկի սահել֊ընկնելու պատճառով չէր։
 +
 +
― Չեմ լալիս, ― ասաց նա։ ― Բայց շուտ դարձիր։
 +
 +
― Կրակոցներ որ լսես, չանհանգստանաս։ Կրակոցներ շատ֊շատ են լինելու։
 +
 +
― Չեմ անհանգստանա։ Բայց շուտ դարձիր։
 +
 +
― Մնաս բարով, guapa, ― ասաց անճարակ ձևով։
 +
 +
― Salud, Ռոբերտո։
 +
 +
Ռոբերտ Ջորդանն իրեն այսքան դեռատի չէր զգացել այն օրից ի վեր, երբ առաջին անգամ գնացքով Ռեդ Լոջից մեկնել էր Բելինգ, որպեսզի այնտեղից էլ մի ուրիշ գնացքով գնա դպրոց՝ ուսման։ Վախենում էր գնալ և չէր ուզում ոչ ոք իմանա, որ ինքը գնում է ուսանելու։ Երբ կառամատույցում ուղեկցորդն իր ճամպրուկը բարձրացրեց և ինքն էլ պատրաստվում էր ոտքը դնելու վագոնի աստիճանին, հայրը համբուրեց իրեն ու ասաց․ «Թող աստված մեզ պահապան լինի մեր բաժանության օրերին»։ Հայրը շատ հավատացյալ մարդ էր և այդ խոսքերն ասաց պարզ ու անկեղծորեն։ Բայց նրա բեղերը թրջվել էին, աչքերն արտասվակալել, և Ռոբերտ Ջորդանն այնպես հուզվեց արցունքների միջով ասված այդ ջերմեռանդ խոսքերից, հրաժեշտի ողջագուրանքից, որ հանկարծ հորից ավելի տարեց զգաց իրեն և անհուն կարեկցանքով լցվեց նրա հանդեպ։
 +
 +
Գնացքի շարժվելուց հետո կանգնել էր վագոնի ետևի հարթակին ու նայում էր կայարանին, ջրմուղ աշտարակին, որն հետզհետե փոքրանում էր, փոքրանում, նայում էր փայտակոճերով հատվող երկաթյա գծերին, որոնք միանում էին մի կետում՝ փոքրիկ կայարանի բարալիկ ջրմուղ աշտարակի մոտ, և գնացքի համաչափ տկտկոցի հետ տանում էին իրեն հեռու֊հեռու։
 +
 +
Հարթակին կանգնած արգելակողն ասել էր՝ «Երևում է հորդ համար դժվար է քեզնից բաժանվելը, Բոբ»։ «Այո», պատասխանել էր ինքը՝ նայելով գծերի և փոշոտ ճանապարհի արանքում փռված օշինդրի թփիկներին, որոնց մեջ հեռագրասյուներն էին բարձրանում։ Նայում էր ու սպասում, որ հիմա, ուր որ է, արոր հավը դուրս կթռչի խոտերի միջից։
 +
 +
«Սրտո՞վդ է դպրոց գնալը»։ «Այո», պատասխանել էր ինքը և ճիշտ էր ասել։ Քիչ առաջվա համար այդ պատասխանը ճիշտ չէր, բայց հիմա ճիշտ էր, և այս պահին, երբ բաժանվում էր Մարիայից, նորից իրեն ճիշտ այնպես դեռատի զգաց, ինչպես կառամատույցում։ Հիմա դարձյալ այնպես դեռատի էր, այնպես անճարակ և անճարակ ձևով էլ հրաժեշտ էր տալիս, կարծես դպրոցական լիներ, որը դպրոցի դարպասների մոտ հրաժեշտ է տալիս իր հասակակից աղջկան ու չգիտի համբուրի, թե ոչ։ Հետո հասկացավ, հրաժեշտը չէր անճարակության պատճառը։ Հետագա հանդիպման լինել֊չլինելու երկյուղն էր։ Հրաժեշտը մասամբ միայն կարող էր այս անճարակության պատճառ լինել, միայն այնքանով, որ հիշեցնում էր ապագա հանդիպման մասին։
 +
 +
Դարձյալ ետ֊ետ ես գնում, ասաց ինքն իրեն։ Բայց ես կարծում եմ, որ չի գտնվի և ոչ մի մարդ, որն այս բանն անելիս իրեն չափից ավելի դեռատի չզգա։ Բանի անունը չտվեց։ Դե լավ, ասաց ինքն իրեն։ Դե լավ։
 +
 +
― Մնաս բարով, guapa, ― ասաց աղջկան։ ― Մնաս բարով, նապաստա՛կ։
 +
 +
― Գնաս բարով, իմ Ռոբերտո, ― ասաց աղջիկը, և Ռոբերտ Ջորդանը մոտեցավ Անսելմոյին ու Ագուստինին և ասաց․
 +
 +
― Vamonos.
 +
 +
Անսելմոն իր ծանր ուսապարկը գցեց շալակը։ Քարայրից դուրս գալուց հետո Ագուստինն իր բեռը ցած չէր դրել։ Հիմա նա հենվել էր մի ծառի, իսկ շալակի բեռան վրայից ցցվել էր գնդացրի փողը։
 +
 +
― Լավ, ― ասաց Ագուստինը։ ― Vamonos: ― Սարալանջով շարժվեցին ներքև։
 +
 +
― Buena suerte, դոն Ռոբերտո, ― ասաց Ֆերնանդոն, երբ ծառերի միջով իրար ետևից անցան նրա կողքից։ Ֆերնանդոն մի քանի քայլ այն կողմ պպզած նստել էր, բայց այդ խոսքերը նա արտասանեց մեծագույն արժանապատվությամբ։
 +
 +
― Քեզ ևս, Ֆերնանդո, buena suerte, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Քո բոլոր գործերում, ― ասաց Ագուստինը։
 +
 +
― Շնորհակալություն, դոն Ռոբերտո, ― ասաց Ֆերնանդոն առանց ուշադրություն դարձնելու Ագուստինի խոսքերին։
 +
 +
― Այս մարդը ֆենոմեն է, Ingles, ― շշնջաց Ագուստինը։
 +
 +
― Համաձայն եմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Օգնե՞մ քեզ։ Մի ձիաբեռ կլինի շալակիդ։
 +
 +
― Լավ է, բան չկա, ― ասաց Ագուստինը։ ― Բայց ինչ գոհ եմ, որ սկսեցինք։
 +
 +
― Ցածր խոսեք, ― ասաց Անսելմոն։ ― Այստեղից արդեն պետք է քիչ խոսել և ցածրաձայն։
 +
 +
Զգուշորեն փոխելով ոտքերը՝ նրանք իջնում էին սարալանջով՝ առջևից Անսելմոն, հետո Ագուստինը, Ռոբերտ Ջորդանի պարանե ներբանով կոշիկները սահում էին սոճու չոր ասեղնատերևների վրա, նա շատ զգույշ էր քայլում, բայց ոտքն առավ ծառի դուրս ցցված արմատին, ձեռքը գցեց գնդացրի փողին, ծալված եռոտանուն, զգաց մետաղի սառնությունը, հետո սկսեց կողեկող իջնել, կոշիկները սահում էին, ակոսում գետինը, նորից առաջ պարզած ձախ ձեռքը դեմ առավ սոճու խորդուբորդ բնին, փաթաթվեց ծառին և ափի մեջ զգաց կպչուն խեժը, որ վազել էր բնի վրա արված դանակի կտրվածքից։ Անտառապատ թեք սարալանջով նրանք իջան այնտեղ, որտեղից Ռոբերտ Ջորդանն ու անսելմոն առաջին օրը դիտել էին կամուրջը։
 +
 +
Անսելմոն կանգ էր առել մի սոճու տակ, նա մթության մեջ բռնեց Ռոբերտ Ջորդանի թևն ու հազիվ լսելի ձայնով շշնջաց․
 +
 +
― Նայի՛ր։ Կրակարանի մեջ կրակ կա։
 +
 +
Ներքևում լույս էր երևում, Ռոբերտ Ջորդանը գիտեր, որ այդտեղ կամուրջն ու ճանապարհը միանում են իրար։
 +
 +
― Այստեղից էինք դիտում, ― ասաց Անսելմոն։ Նա վերցրեց Ռոբերտ Ջորդանի ձեռքը, տարավ ցած ու հպեց ծառի բնի վրայի թարմ կտրվածքին։ ― Այս նշանը ես արեցի, երբ դու կամուրջն էիր դիտում։ Այստեղ, աջ կողմում էիր ուզում դնել maquina֊ն։
 +
 +
― Այստեղ էլ կդնենք։
 +
 +
― Լավ։
 +
 +
Ուսապարկերը դրեցին ծառաբների ետևում և երկուսով գնացին Անսելմոյի ետևից այնտեղ, ուր կիպ իրար կողքի մատղաշ սոճիներ էին բարձրացել։
 +
 +
― Այստեղ է, ― ասաց Անսելմոն։ ― Հենց այստեղ։
 +
 +
― Այստեղից, լույսով, ― շշնջաց Ռոբերտ Ջորդանը՝ պպզած մատղաշ ծառերի ետևում, ― ճանապարհի մի փոքր հատվածն է երևում, կամրջին միացող մասը։ Կամուրջը լրիվ ետևում է, այն կողմի ճանապարհի մի մասը նույնպես, մինչև կեռմանը։
 +
 +
Ագուստինը ոչինչ չասաց։
 +
 +
― Կպառկես այստեղ ու կսպասես մինչև մենք պայթեցումը նախապատրաստենք։ Վերևից լինի, թե ներքևից, ով էլ գա, կկրակես։
 +
 +
― Այդ լույսը ի՞նչ տեղ է, ― հարցրեց Ագուստինը։
 +
 +
― Ժամապահի խցիկն է կամրջի այս գլխին, ― շշնջաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Ժամապահներին ո՞վ է վերացնելու։
 +
 +
― Ծերունին և ես, ինչպես արդեն ասել եմ։ Բայց եթե մենք չկարողանանք վերացնել, կկրակես խցիկների վրա, ժամապահների, եթե երևան։
 +
 +
― Այո։ Դու ասել էիր։
 +
 +
― Պայթեցումից հետո, երբ ներքևից Պաբլոյի տղերքն երևան, կսկսես կրակել նրանց գլխավերևով, եթե հետապնդող լինի։ Ասենք լինի չլինի կրակիր, որպեսզի չհետապնդեն։ Հասկացա՞ր։
 +
 +
― Ինչո՞ւ չէ։ Նույնն բանն ես ասում, ինչ երեկ գիշեր։
 +
 +
― Ուրիշ հարց ունե՞ս։
 +
 +
― Ոչ։ Երկու պարկ ունեմ։ Գնամ վերևից հող լցնեմ, այնպես որ փորած տեղը չերևա ու բերեմ այստեղ։
 +
 +
― Բայց այստեղ չփորփրես։ Այնպես պիըի դարան մտնես, ոնց որ երեկ էր, բարձունքում։
 +
 +
― Չեմ փորի։ Մթնով վերևից կբերեմ հողը։ Կտեսնես։ Այնպես կտեղավորեմ պարկերը, որ չնկատվեն։
 +
 +
― Շատ մոտ ես իրենց։ Sabes? Այս սոճուտը լույսով պարզ երևում է ներքևից։
 +
 +
― Մի անհանգստանա, Ingles: Հիմա դու ո՞ւր ես գնում։
 +
 +
― Այս փոքրիկ maquina֊ս վերցնում եմ ու իջնում կամրջի մոտ։ Ծերուկը կանցնի ձորն ու դարան կմտնի մյուս խցիկի մոտ։ Նրա պատուհաններն այն կողմն են նայում։
 +
 +
― Էլ ոչ մի հարց չունեմ, ― ասաց Ագուստինը։ ― Salud, Ingles: Ծխախոտ ունե՞ս։
 +
 +
― Այստեղ ծխել չի կարելի։ Շատ մոտ է։
 +
 +
― Չեմ ծխելու։ Այնքան որ բերանիս լինի։ Հետո կծխենք։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը սիգարետի տուփը տվեց նրան։ Ագուստինը երեք հատ վերցրեց ու խոթեց նախրորդի հարթ կատարով իր գլխարկի առաջամասի ծալքի մեջ։ Եռոտանին բացեց, գնդացիրը տեղավորեց մատղաշ սոճիների արանքում, սկսեց տոպրակները դատարկել ու պարունակությունը դասավորել այնպես, որ ամեն ինչ ձեռքի տակ լինի։
 +
 +
― Nada mas, ― ասաց նա։ ― Լավ, էլ ոչինչ պետք չէ։
 +
 +
Անսելմոն ու Ռոբերտ Ջորդանը թողեցին նրան այդտեղ ու վերադարձան իրենց ուսապարկերի մոտ։
 +
 +
― Ի՞նչ ես կարծում, որտե՞ղ է ավելի հարմար, որ թողնենք սրանք, ― շշուկով ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Կարծում եմ այստեղ։ Բայց վստա՞հ ես, որ այդ փոքրիկ maquina֊յով կկարողանաս այստեղից խփել ժամապահին։
 +
 +
― Սա հենց այն առաջին օրվա տե՞ղն է։
 +
 +
― Հենց այն ծառն է, ― առանց շրթունքները շարժելու հազիվ լսելի շշնջոցով ասաց Անսելմոն, ոնց որ առաջին օրը։ ― Դանակով նշան եմ արել վրան։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը նորից այնպիսի զգացողություն ունեցավ, որ այս բոլորը եղել են արդեն մի անգամ, բայց սա իսկապես եղել էր, նա կրկնում էր իր հարցերը, և Անսելմոն տալիս էր նույն պատասխանները։ Նույնն էլ Ագուստինի հետ էր, նա իրեն ժամապահների մասին տվել էր մի հարց, որի պատասխանը գիտեր։
 +
 +
― Մոտ է։ Նույնիսկ շատ մոտ, ― շշուկով ասաց նա։ Բայց լույսը մեր ետևից է ընկնում։ Լավ կլինի այստեղ։
 +
 +
― Դե ես անցնեմ ձորն ու դարան մտնեմ մյուս ծայրում, ― ասաց Անսելմոն։ Հետո կանգ առավ։ ― Ների՛ր ինձ, Ingles: Չեմ ուզում, որ սխալ լինի։ Կարող է այնպես չեմ հասկացել, ոնց որ պետք է։
 +
 +
― Ի՞նչը, ― ցածրաձայն հարցրեց նա։
 +
 +
― Կրկնի՛ր, թե ինչ պետք է անեմ։
 +
 +
― Ես որ կրակեցի, դու էլ կկրակես։ Ժամապահիդ սպանելուց հետո կամուրջը կանցնես, կգաս մոտս։ Ուսապարկերը ներքևում կլինեն, ոնց որ ասել եմ, այնպես էլ կսկսես տեղավորել պայթուցիկները։ Ես քեզ ամեն ինչ կասեմ։ Եթե ինձ մի բան պատահի, ինքդ կանես ամեն ինչ, ոնց որ ցույց եմ տվել։ Չաճապարես, կանես ինչպես հարկն է, փայտե սեպերը լավ կմեխես իրենց տեղերն ու նռնակները կկապես դրանց։
 +
 +
― Ամեն ինչ պարզ է, ― ասաց Անսելմոն։ ― Ամեն ինչ հիշում եմ։ Լույսը որ բացվի, լավ պահ մտիր։
 +
 +
― Կրակելուց առաջ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ―  մի քիչ հանգստացիր, որպեսզի չվրիպես։ Մի մտածիր, թե դիմացինդ մարդ է, հաշվիր, որ թիրախ է, de acuerdo:<ref>Այստեղ՝ լա՞վ (իսպ․)։</ref> Նշան կբռնես մի կետի։ Ուղիղ փորին, եթե դեմքով է դեպի քեզ կանգնած։ Եթե թիկունքով է դեպի քեզ՝ մեջքին։ Լսի՛ր, ծերո՛ւկ։ Եթե նստած լինի, իմ կրակելուց հետո միայն կկանգնի, որպեսզի վազի կամ պառկի։ Հենց այդ պահին կրակիր։ Եթե նստած մնա, էլի կրակիր։ Չսպանես։ Բայց չվրիպես։ Դարան կմտնես հիսուն յարդի վրա։ Դե դու որսորդ ես։ Էլ քեզ ի՞նչ ասեմ։
 +
 +
― Կանեմ ոնց որ հրամայում ես, ― ասաց Անսելմոն։
 +
 +
― Այո։ Հրամայում եմ անել այդպես, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
Լավ էր հիշեցի ու որպես հրաման տվեցի հանձնարարությունը, մտածեց նա։ Դա նրան կօգնի, որպեսզի լավ զգա։ Ինչ֊որ չափով անեծքից կխուսափի։ Համենայն դեպս, ես կարծում եմ, որ նա այդպես է մտածում։ Գոնե ինչ֊որ չափով։ Ես մոռացել էի, թե նա ինչ ասաց ինձ սպանության մասին մեր հանդիպման առաջին օրը։
 +
 +
― Հրամայում եմ այդպես անել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Հիմա գնա։
 +
 +
― Me voy, ― ասաց Անսելմոն։ ― Ցտեսություն, Ingles:
 +
 +
― Ցտեսություն, ծերո՛ւկ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
Հիշեց հորը, երկաթուղային կայարանում, հրաժեշտի արցունքները, այն ժամանակ salud չասաց, ոչ էլ մնաս բարով, հաջողություն, կամ նման բան։
 +
 +
― Հրացանի խողովակը մաքրե՞լ ես, ծերո՛ւկ, ― ասաց շշուկով։ ― Թե չէ գնդակը ճիշտ չի արձակի։
 +
 +
― Քարայրում, ― ասաց Անսելմոն։ ― Բոլորն էլ շամփուրով մաքրել եմ։
 +
 +
― Ուրեմն ցտեսություն, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և ծերունին պարանե ներբանով կոշիկներն հագին անաղմուկ, մեծ֊մեծ քայլերով գնաց ծառերի միջով։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը պառկեց սոճու ասեղնատերևով պատված գետնին և ականջ դրեց սոճիների ճյուղերի մեջ լուսաբացին պտտվող քամու շրշյունին։ Ավտոմատի պահեստատուփն հանեց ու փակաղակը մի քանի անգամ  ետ ու առաջ տվեց։ Հետո փակաղակը քաշեց, ավտոմատը մթության մեջ շրջեց, փողի ծայրն առավ շրթունքների արանքն ու փչեց յուղահամ, լպրծուն մետաղի անցքի մեջ։ Այնուհետև զենքը դրեց նախաբազկին, փակաղակը դեպի վեր, որպեսզի ասեղնատերև կամ կեղտ չընկնի մեջը, մթության մեջ պահեստատուփից փամփուշտները բթամատով մեկ֊մեկ հանեց ու դրեց գետնին փռած թաշկինակի վրա, հետո ամեն մի փամփուշտը մատների մեջ շուռումուռ տալով նորից մտցրեց իրենց տեղերը։ Պահեստատուփն հիմա նորից էր ծանրացել, տեղադրեց այն ավտոմատի վրա ու լսեց տեղն ընկելու չխկոցը։ Երեսնիվայր պառկեց սոճու բնի ետևը, ― ավտոմատը գցած ձախ նախաբազկին, ― և նայեց ներքևում երևացող լույսին։ Լույսը երբեմն կորչում էր, կռահեց, որ ժամապահն է այդ պահերին կանգնած լինում կրակարանի դիմաց։ Ռոբերտ Ջորդանը այդտեղ պառկել ու սպասում էր լուսաբացին։
 +
 +
 +
==Գլուխ քառասուներկուերորդ==
 +
 +
Այն միջոցին, երբ Պաբլոն սարերից վերադարձել էր քարայր, երբ խումբը սարալանջով իջել էր այնտեղ, ուր թողնելու էին ձիերին, Անդրեսը շատ արագ ընթացքով շարժվել էր դեպի Գոլցի գլխավոր շտաբը։ Մոտոցիկլը դուրս էր եկել Նավասեռադա տանող գլխավոր ճանապարհը, որով բեռնատարներ էին իջնում։ Այնտեղ ստուգման կետ կար։ Գոմեսը ցույց էր տվել փոխգնդապետ Միրանդայի տված անցագիրը, ժամապահը ձեռքի լապտերիկի լույսը գցել էր վրան, ցույց էր տվել կողքի ժամապահին, վերադարձրել էր ու պատվի առել։
 +
 +
― Siga, ― ասել էր նա։ ― Շարունակեք ճանապարհը։ Բայց լույսը հանգցրեք։
 +
 +
Շարժիչը նորից էր հռնդացել։ Անդրեսը կառչել էր առաջին նստարանի ետևի բռնակից, իսկ Գոմեսը բեռնատարների հոսանքում խուսավարելով մոտոցիկլը քշել էր առաջ։ Բեռնատարները գնում էին երկար շարասյուն կազմած, ոչ մեկի լապտերը չէր վառվում։ Դիմացից նույնպես բեռնված մեքենաներ էին գալիս ամպի պես փոշի բարձրացնելով, որն Անդրեսը չէր տեսնում, այլ միայն զգում էր դեմքին ու ատամների տակ։
 +
 +
Հիմա գնում էին մի բեռնատարի պոչին կպած, Գոմեսն արագությունն ավելացրեց, մոտոցիկլը փնչացրեց ու առաջ անցան այդ մեքենայից, հետո մեկ ուրիշից, էլի, էլի, իսկ հանդիպակաց բեռնատարները մռնչալով անցնում էին իրենց ձախ կողմով։ Իրենց ետևից մարդատար մի ավտոմեքենա էր գալիս, որն իր անդադրում ձայնազդանշանի ծվծվոցը խառնել էր բեռնատարների աղմուկին, փոշուն, հետո էլ ցոլարձակ լապտերները միացրեց, լուսավորեց բարձրացած փոշու դեղին ամպը, արագությունն ավելացրեց և ձայնազդանշանի համառ պահանջկոտ, սպառնագին, գանահարող ճչոցով եկավ ու անցավ կողքներով։
 +
 +
Հետո առջևում բեռնատարները կանգ առան, և Գոմեսը խուսավարելով սանիտարական, շտաբային մեքենաների, զրահապատների և դարձյալ ցցված ու փոշոտ հրանոթներով ու ծանր, մետաղակուռ կրիաների նմանվող զրահապատների արանքներով քշեց մոտոցիկլը մինչև հաջորդ ստուգման կետը, որտեղ վթար էր տեղի ունեցել։ Մի բեռնատար կանգ էր առել, ետևից եկողը չէր նկատել ու բախվել էր և ջարդել առաջինի թափքի կողը, բարձված արկղերը թափվել էին ճանապարհի վրա։ Արկղերից մեկը փշրվել էր, երբ Գոմեսն ու Անդրեսը իջան և մոտոցիկլը քաշ տալով գնացին դեպի ստուգման կետը, որպեսզի ցույց տան անցագիրը, Անդրեսը քայլում էր հող ու փոշու մեջ սփռված հազարավոր փամփուշտների վրայով։ Երկրորդ բեռնատարի ռադիատորն էր ճզմվել։ Երրորդն եկել ու թեթև դեմ էր առել երկրորդի պոչին։ Ետևից եկող տասնյակ մեքենաներ կպել էին իրար պոչի, շարասյան կողքով ետ ու առաջ վազող երկարաճիտ սապոգներով մի սպա գոռգոռալով ասում էր վարորդներին, որ մեքենաները ետ չտան, սպասեն, մինչև որ ջարդված բեռնատարները մի կողմի վրա քաշեն։
 +
 +
Բեռնատարները շատ֊շատ էին, նրանք կարող էին ետ տալ միայն այն ժամանակ, երբ սպան հասներ վերջին մեքենային և հասկացներ, որ շարասյան կողքով առաջ շարժվեին, Անդրեսը տեսավ, որ սպան լապտերիկը ձեռքին վազում է, գոռում ու հայհոյում մթության մեջ, որպեսզի բեռնատարները կանգ առնեն։
 +
 +
Ստուգման կետի ժամապահը անցագիրը ետ չէր տալիս։ Երկուսն էին այդտեղ, երկուսն էլ հրացանով ու ձեռքի լապտերիկով, նրանք նույնպես գոռգոռում էին։ Նա, ում ձեռքին էր անցագիրը, անցավ ճանապարհի մյուս կողմը, որպեսզի ներքև գնացող բեռնատարի վարորդին ասի, որ մյուս ստուգման կետում մեքենաները պահեն՝ մինչև այս խառնաշփոթը կարգավորվի։ Բեռնատարի վարորդը լսեց ու շարունակեց ճամփան։ Հետո անցագիրը տակավին ձեռքին, մոտեցավ բեռը թափված մեքենայի վարորդին ու գոռգոռալով ասաց․
 +
 +
― Թո՛ղ, աստծու սիրույն, և գնա՛, որպեսզի մաքրվի ճանապարհը։
 +
 +
― Հաղորդակս փչացել է, ― ասաց վարորդը՝ կռացած նայելով մեքենայի ետևի մասը։
 +
 +
― Հաղորդակիդ էլ, քեզ էլ։ Քշի՛ր, ասացի։
 +
 +
― Փչացած դիֆերենցիալով չես քշի, ― ասաց վարորդը և նորից կռացավ։
 +
 +
― Դե թող մեկնումեկը քաշի քեզ, որ պրծնենք այս մուռտառությունից։
 +
 +
Վարորդը խոժոռ նայեց ժամապահին, որը լապտերիկի լույսը գցել էր մեքենայի խփված ետնամասին։
 +
 +
― Քշի՛ր։ Քշի՛ր, ― գոռաց, անցագիրը դեռևս ձեռքին պահած ժամապահը։
 +
 +
― Փաստաթղթերս, ― ասաց Գոմեսը։ ― Անցագիրս։ Ախր մենք շտապում ենք։
 +
 +
― Վերցրո՛ւ։ Գրողի ծոցը, ― ասաց, մեկնեց փաստաթղթերն ու վազեց, որ կանգնեցի ներքևից եկող բեռնատարը։
 +
 +
― Գնա խաչմերուկում շուռ արի ու քաշիր֊տար այս մեքենան, ― ասաց վարորդին։
 +
 +
― Ինձ կարգադրված է․․․
 +
 +
― Ես քո կարգադրության․․․ Արա ոնց որ ասում եմ։ ― Վարորդը մեքենան շարժեց ու գնաց՝ ետևից փոշի բարձրացնելով։
 +
 +
Գոմեսը մոտոցիկլը հանեց ջարդված մեքենայի ետևից, տարավ ճանապարհի հիմա արդեն ազատ աջ կողմը, Անդրեսը նստեց, ամուր կառչեց բռնակից, նայեց, տեսավ, թե ինչպես ժամապահը կանգնեցրել էր մի նոր մեքենա ու գլուխը խցիկից դուրս հանած վարորդին ինչ֊որ բան էր ասում։
 +
 +
Հիմա նրանք արագ գնում էին ճանապարհով, որը վեր, միշտ վեր էր տանում՝ դեպի լեռները։ Վերև գնացող ավտոշարասյունը կանգնել֊մնացել էր ստուգման կետում, միայն վերևից էին մեքենաներ գալիս, և մոտոցիկլի ձախ կողմով սլանում֊գնում էին ցած, մինչև մոտոցիկլը արագ ու համաչափ ընթացքով բարձրանում էր լեռնային ճանապարհով և շուտով հասավ վթարից առաջ ստուգման կետն անցած ավտոշարասյանը։
 +
 +
Լույսերը դեռևս հանգցրած՝ առաջ անցան նախ չորս զրահապատից, հետո զինվորներով բեռնավորված մեքենաների շարասյունից։ Զինվորները լուռ նստել էին մթության մեջ, Անդրեսն սկզբում իր գլխավերևում, փոշու մեջ, թափքերի վրա խռնված մարմինների սոսկ ներկայությունն զգաց։ Հետո, երբ ետևից եկող շտաբի մի ուրիշ մեքենա, որն անընդհատ ձայնային ազդանշաններ էր տալիս, ցոլարձակ լապտերի լույսը գցեց բեռնատարի վրա, նա որոշակիորեն տեսավ զինվորներին՝ պողպատյա սաղավարտներով, հրացաններն ուսերին, տեսավ գնդացիրները փողերը, որ դեպի երկինք էին ուղղված և պարզ երևում էին գիշերվա խավարում, որը նորից կուլ էր տալիս ամեն ինչ, հենց որ մեքենաների լապտերներն հանգում էին։ Մի պահ, երբ նորից էին մեքենաներին բեռնված զինվորներ անցնում, լույսն ընկավ նրանց վրա, և Անդրեսը նկատեց, որ նրանց դեմքերը քարացած էին ու տխուր։ Զինվորները պողպատյա սաղավարտներով էին, խավարի միջով, բեռնատարների թափքերին նստած նրանք գնում էին այնտեղ, որտեղից, այդքան միայն գիտեին, հարձակում է սկսվելու, յուրաքանչյուրի դեմքին երևում էին այն խոհերը, որ մարդիկ ամաչելով թաքցնում են ցերեկը, ու դրանք չեն երևում մինչև ռմբակոծությունն ու հարձակման սկիզբը, այն պահը, երբ դեմքի մասին ոչ մեկն այլևս չի մտածում։
 +
 +
Անդրեսը, նստած մոտոցիկլին, որը Գոմեսը քշում էր շտաբի մեքենայի ետևով, հայացքը մի բեռնատարից մյուսին էր տեղափոխում և նման մտքեր չէին, որ ծագում էին նրա գլխում զինվորների դեմքերին նայելիս։ «Ա՛յ թե բանակ է, ― մտածում էր նա։ ― Ինչպիսի հանդերձանք։ Ինչպիսի՜ մեխանիզացիա։ Vaya gente: Նայի՛ր ինչ մարդիկ են։ Ահա Հանրապետության բանակը։ Նայի՛ր նրանց։ Բեռնատար բեռնատարի ետևից։ Բոլորը միատեսակ համազգեստով։ Բոլորի գլխին պողպատյա սաղավարտ։ Նայի՛ր բեռնատարների վրայի ինքնաթիռներին ուղղված maguina֊ներին։ Նայի՛ր ինչ բանակ է ստեղծվել»։
 +
 +
Եվ երբ մոտոցիկլը առաջ էր անցնում զինվորներով բեռնված բարձր, գորշ բեռնատարներից, առաջ էր անցնում քառակուսի բարձր խցիկներով և քառակուսի այլանդակ ռադիատորներով գորշ բեռնատարներից, երբ համաչափ ընթացքով բարձրանում էր փոշու միջով և ետևից եկող շտաբի մեքենայի փախչող լույսի տակ երևում էին բեռնատարների թափքերի ետևին ու կողերին գծված բանակի կարմիր աստղերը, և երբ մոտոցիկլը սկսեց հաղթահարել զառիթափն ու օդը ցրտեց և ճանապարհի ոլորանները շատացան, երբ բեռնատարներն սկսեցին փնչացնել ու ճռճռալ, և մի քանի ռադիատորների վրա շտաբի մեքենայից ընկնող լույսի տակ գոլորշի երևաց, երբ մոտոցիկլը նույնպես սկեց փնչացնել, Անդրեսը, ամուր կառչաց իր առջևի բռնակից, մտածեց, որ այս ճանապարհորդությունը մոտոցիկլով mucho, mucho է։ Մինչ այդ նա երբեք մոտոցիկլով տեղ չէր գնացել, իսկ հիմա հարձակման վայրը գնացող մեքենաների արանքներով երբ բարձրանում էին սարն ի վեր, նա հասկացավ, որ երբեք չի կարողանա հասցնել վերադառնալ ու մասնակցել պահակակետերի վրա կատարվելիք հարձակման։ Մեքենաների այսպիսի երթևեկության ու իրարանցման պայմաններում եթե հաջողվեց նույնիսկ վաղը երեկոյան վերադառնալ, էլի մեծ հաջողություն է։ Նա մինչև օրս երբեք ոչ մի հարձակում կամ հարձակման նախապատրաստություն չէր տեսել, և հիմա, երբ գնում էին ճանապարհով, նա հիացած նայում էր ու մտածում, թե այս ինչ մեծ ու հզոր բանակ է ստեղծել Հանրապետությունը։
 +
 +
Հիմա նրանք անցնում էին ճանապարհի մի երկար հատված, որը տանում էր դեպի լեռան բարձունքը, զառիթափն այնքան շեշտակի դարձավ, որ Գոմեսն առաջարկեց իջնել մոտոցիկլից և հրելով բարձրանալ վերջին հատվածը։ Լեռան կատարի հենց ետևը ճանապարհը թեքվում էր ձախ, մեքենաները կարող էին այդտեղ շրջադարձ անել, այդտեղ՝ երկնքի ֆոնի վրա խավարում ծառացած մեծ ու երկար քարե շենքի պատուհաններում, լույսեր երևացին։
 +
 +
― Գնանք հարցնեք, թե որտեղ է շտաբը, ― ասաց Գոմեսն Անդրեսին ու մոտոցիկլը տարավ դեպի քարի շենքի մուտքի մոտ, որտեղ երկու ժամապահ էին կանգնած։ Գոմեսը մոտոցիկլը հենեց պատին, այդ պահին դուռը բացվեց, լույսի մեջ երևաց կաշվե բաճկոնով մի մոտոցիկլիստ՝ ուսից սուրհանդակի պայուսակը կախած, կողքին փայտե պատյանով մաուզեր ատրճանակ։ Դուռը փակվեց, նա մթության մեջ գնաց գտավ իր մոտոցիկլը, հրելով տարավ՝ մինչև որ շարժիչն աշխատեց, և մեքենան ոռնոցով գնաց ճանապարհն ի վեր։
 +
 +
Գոմեսը դիմեց դռան մոտ կանգնած ժամապահներից մեկին․
 +
 +
― Կապիտան Գոմես, վաթսունհինգերորդ բրիգադից, ― ասաց նա։ ― Դուք կարո՞ղ եք ինձ ասել, թե որտեղ է գտնվում Երեսունհինգերորդ դիվիզիայի հրամանատար գեներալ Գոլցի շտաբը։
 +
 +
― Այստեղ չէ, ― ասաց ժամապահը։
 +
 +
― Իսկ ի՞նչ է այստեղ։
 +
 +
― Comandanica֊ն։
 +
 +
― Ի՞նչ comandanica:
 +
 +
― Դե comandanica:
 +
 +
― Ինչի՞ comandanica:
 +
 +
― Դու ո՞վ ես, որ ինձ այդքան հարց ես տալիս, ― ասաց ժամապահը Գոմեսին մթության մեջ։ Այստեղ, սարի կատարին, երկինքը շատ մաքուր էր, աստղալից, և Անդրեսը ճանապարհի այդ փոշուց հետո, հիմա պարզ տեսնում էր ամեն ինչ։ Ներքևում, որտեղ ճանապարհը թեքվում էր դեպի աջ, նա տեսնում էր երկնքի ֆոնի վրա պատկերվող բեռնատար ու մարդատար ավտոմեքենաների ուրվագծերը։
 +
 +
― Ես կապիտան Ռոխելիո Գոմեսն եմ, Վաթսունհինգերորդ բրիգադի առաջին գումարտակից և հարցնում եմ որտե՞ղ է գեներալ Գոլցի շտաբը, ― ասաց Գոմեսը։ Ժամապահը դուռը մի փոքր բացեց ու գոռաց․
 +
 +
― Կապրալին կանչեք։
 +
 +
Հենց այդ պահին ճանապարհից շտաբի մի ավտոմեքենա շրջվեց և եկավ կանգ առավ քարե շենքի դռան մոտ, որտեղ Անդրեսն ու Գոմեսը ժամապահի կողքին կանգնած սպասում էին կապրալին։
 +
 +
Մեքենայից բարձրահասակ, տարիքն արդեն առած ու գեր մի մարդ դուրս եկավ, գլխին խակի գույնի չափազանց մեծ մի բերետ կար, այնպիսին, որը հագնում են ֆրանսիական բանակի հետևակային զորամասերի զինվորները, ձեռքին՝ պլանշետ, վերարկուի վրայից կապված գոտուց կախված էր ատրճանակը։ Նրան ուղեկցում էին Ինտերնացիոնալ բրիգադի համազգեստով երկու սպա։
 +
 +
Նա խոսում էր ֆրանսերեն, Անդրեսը ոչինչ չէր հասկանում։ Գոմեսը, որը սափրիչ էր եղել, մի քանի բառ գիտեր։ Բարձրահասակ մարդը վարորդին ասում էր, որ մեքենան դռան մոտից քշի և տանի կանգնեցնի ծածկի տակ։
 +
 +
Երբ երկու սպաների ուղեկցությամբ նա եկավ դեպի դուռը, Գոմեսը լույսի տակ պարզ տեսավ նրա դեմքն ու ճանաչեց։ Նրան տեսել էր միտինգներում, Mundo obrero֊յում կարդացել էր ֆրանսերենից թարգմանված նրա հոդվածները։ Ճանաչեց նրա թավ հոնքերը, մոխրագույն խոնավ աչքերը, դա Ֆրանսիայի մերօրյա հեղափոխական սերնդի մեծագույն դեմքերից մեկն էր, նա էր ապստամբության հանել ֆրանսիական սևծովյան նավատորմի նավաստիներին։ Գոմեսը գիտեր, որ այս մարդը շատ բարձր քաղաքական դիրք է գրավում Ինտերնացիոնալ բրիգադներում և հաստատ կիմանա, թե որտեղ է Գոլցի շտաբն ու իրենց կուղարկի այնտեղ։ Գոմեսը չգիտեր, թե ժամանակներն ինչպես էին փոխել այս մարդուն, թե ինչպիսի հիասթափություն էր ապրում նա, ինչքան էր անձնական ու քաղաքական կյանքից դժգոհ և ինչպիսի անհագ փառասիրությամբ էր տառապում, նա չգիտեր, որ ավելի վտանգավոր բան չի կարող լինել, քան այս մարդուն որևէ հարցով դիմելը։ Գոմեսը չիմանալով այս ամենը, գնաց նրան ընդառաջ, պատվի առավ սեղմած բռունցքով և ասաց․
 +
 +
― Ընկեր Մարտի, մենք զեկուցագիր ենք բերել գեներալ Գոլցին։ Դուք կարո՞ղ եք մեզ ասել, թե որտեղ է նրա շտաբը։ Շատ շտապ է։
 +
 +
Բարձրահասակ, տարիքն առած գեր մարդը շրջեց գլուխը, խոնավ աչքերը հառած ուշադիր նայեց Գոմեսին։ Նույնիսկ այստեղ, ռազմաճակատում, էլեկտրական լամպի պայծառ լույսի տակ, գիշերային զովաշունչ օդում բաց մեքենայով ճանապարհներում լինելուց հետո, նրա գորշ դեմքը մեռելային տեսք ուներ, կարծես կերտված լիներ ծեր, շատ ծեր առյուծի ճիրանների տակի մեռած հյուսվածքներից։
 +
 +
― Ի՞նչ կա, ընկեր, ― հարցրեց Գոմեսին իսպաներեն՝ կատալոնյան ընդգծված առոգանությամբ։ Նրա հայացքը սահեց Անդրեսի վրա, հետո նորից ուղղվեց Գոմեսին։
 +
 +
― Զեկուցագիր ենք բերել, պետք է հանձնել գեներալ Գոլցի շտաբին, ընկեր Մարտի։
 +
 +
― Որտեղի՞ց է, ընկեր։
 +
 +
― Ֆաշիստների թիկունքից, ― ասաց Գոմեսը։
 +
 +
Անդրե Մարտին ձեռքը մեկնեց, վերցրեց զեկուցագիրն ու մյուս փաստաթղթերը, մի հայացք գցեց վրան ու դրեց գրպանը։
 +
 +
― Երկուսին էլ ձերբակալի՛ր, ― ասաց պահակախմբի կապրալին։ ― Խուզարկի՛ր, կբերես, երբ որ ասեմ։
 +
 +
Զեկուցագիրը գրպանում նա մտավ քարե շենքը։
 +
 +
Գոմեսին ու Անդրեսին տարան պահակասենյակ ու սկսեցին խուզարկել։
 +
 +
― Այդ ի՞նչ եղավ այդ մարդուն, ― հարցրեց Գոմեսը ժամապահներից մեկին։
 +
 +
― Esta loco, ― ասաց ժամապահը։ ― Խելագար է։
 +
 +
― Ո՞նց թե։ Դա քաղաքական նշանավոր դեմք է, ― ասաց Գոմեսը։ ― Ինտերնացիոնալ բրիգադների գլխավոր կոմիսարն է։
 +
 +
― Apesar de eso, esta loco, ― ասաց պահակախմբի կապրալը։ ― Միևնույն է, խելագար է։ Ի՞նչ եք անում ֆաշիստների թիկունքում։
 +
 +
― Այս ընկերը պարտիզան է, այնտեղից է, ― ասաց Գոմեսը, մինչ ժամապահը խուզարկում էր նրան։ ― Զեկուցագիր է բերել գեներալ Գոլցին։ Փաստաթղթերս լավ պահիր։ Տե՛ս, չկորցնես փողերս, այս բեկորն էլ։ Առաջին անգամ դրանով եմ վիրավորվել։ Գվադամառայում։
 +
 +
― Մի՛ անհանգստանա, ― ասաց կապրալը։ ― Դնում եմ այս դարակի մեջ։ Ինչո՞ւ ինձ չհարցրիք, թե որտեղ է Գոլցը։
 +
 +
― Ուզում էի։ Ժամապահին հարցրեցի, նա քեզ կանչեց։
 +
 +
― Բայց այդ պահին խելագարը վրա եկավ ու դու նրան հարցրեցիր։ Նրան երբեք ոչ մի բան պետք չէ հարցնել։ Խելագար է։ Քո Գոլցը այստեղից երեք կիլոմետր վերև է, գնում ես ուղիղ, հետո թեքվում ես աջ, անտառում ժայռի տակ։
 +
 +
― Հիմա չե՞ս կարող թողնել մեզ, գնանք։
 +
 +
― Չէ։ Ուզում ես գլխո՞վս պատասխան տամ։ Ես ձեզ պետք է տանեմ խելագարի մոտ։ Բացի այդ, զեկուցագիրը մոտն է, չէ՞։
 +
 +
― Որևէ մեկին չե՞ս կարող ասել։
 +
 +
― Կարող եմ, ― ասաց կապրալը։ ― Ղեկավարներից ում առաջինը տեսնեմ, նրան էլ կասեմ։ Բոլորն էլ գիտեն, որ նա խելագար է։
 +
 +
― Ես դրան միշտ էլ մեծ մարդ էի կարծում, ― ասաց Գոմեսը։ ― Ես դրան համարում էի Ֆրանսիայի պարծանքը։
 +
 +
― Գուցե պարծանք էլ է, ուրիշ բան էլ, ― ասաց կապրալն ու ձեռքը դրեց Անդրեսի ուսին, ― բայց խելագար է, կապելու է։ Գնդակահարելու մոլուցք ունի։
 +
 +
― Իսկապե՞ս գնդակահարում է։
 +
 +
― Como lo oyes,<ref>Ինչպես լսեցիր (իսպ․)։</ref> ― ասաց կապրալը։ ― Այդ ծերուկը ավելի շատ է մարդ սպանում, քան բուբոնյան ժանտախտը։ Mata mas que la peste bubonica: Բայց նա ֆաշիստներին չի սպանում, ոնց որ մենք ենք անում։ Que va: Չեմ կատակում։ Mata bichos raros: Հազվագյուտ բաներ է սպանում։ Տրոցկիստներ։ Ուկլոնիստներ։ Հազվագյուտ գազաններ։
 +
 +
Անդրեսն այս բանից ոչինչ չէր հասկանում։
 +
 +
― Երբ Էսկորիայում էինք, չգիտեմ էլ, թե ինչքան մարդ գնդակահարեցինք սրա հրամանով, ― ասաց կապրալը։ ― Մեզ են միշտ ուղարկում գնդակահարելու։ Բրիգադների զինվորները հրաժարվում են իրենց ընկերների վրա կրակելուց։ Հատկապես ֆրանսիացիները։ Անախորժություններից խուսափելու համար մեզ են ուղարկում։ Գնդակահարել ենք ֆրանսիացիների։ Բելգիացիների։ Գնդակահարել ենք տարբեր ազգերի մարդկանց։ Ինչ տիպի ասես։ Tiene mania de fusilar gente:<ref>Մարդկանց գնդակահարելու մորլուցք ունի (իսպ․):</ref> Եվ բոլորին էլ քաղաքական բաների համար։ Խելագար է։ Purifica mas el Salvarsan: Այնպես մաքրեց՝ սալվարսանից էլ լավ։
 +
 +
― Ասելո՞ւ ես որևէ մեկին զեկուցագրի մասին։
 +
 +
― Իհարկե, բարեկամս։ Անպայման։ Ես այս երկու բրիգադի բոլոր մարդկանց ճանաչում եմ։ Ես նույնիսկ ռուսներին եմ ճանաչում, բայց նրանցից քչերն են իսպաներեն խոսում։ Մենք չենք թողնի, որ այդ խելագարը իսպանացիներին գնդակահարի։
 +
 +
― Իսկ զեկուցագի՞րը։
 +
 +
― Զեկուցագիրն էլ կվերցնենք։ Մի՛ անհանգստանա, ընկե՛ր։ Նա իր մարդկանց համար է միայն վտանգավոր։ Մենք նրան արդեն հասկացել ենք։
 +
 +
― Ներս բերեք կալանավորներին, ― լսվեց Անդրե Մարտիի ձայնը։
 +
 +
― Querels echar un trago, ― հարցրեց կապրալը։ ― Ուզո՞ւմ ես մի բան խմել։
 +
 +
― Ինչո՞ւ չէ։
 +
 +
Կապրալը պահարանից հանեց անիսոնով օղու շիշը, Գոմեսն ու Անդրեսը խմեցին։ Կապրալը նույնպես խմեց ու սրբեց բերանը։
 +
 +
― Vamonos, ― ասաց։
 +
 +
Պահակասենյակից դուրս եկան, անիսոնով օղին տաքացրել էր ամեն ինչ՝ և՛ բերան, և՛ որովայն, և՛ սիրտ։ Անցան սրահն ու մտան Մարտիի սենյակը։ Նա նստել էր սեղանի ետևը, քարտեզը փռել էր առաջը և կարմիր֊կապույտ մատիտը պահած ձեռքի մեջ զորավար էր խաղում։ Անդրեսի համար սա միայն մի բան էր նշանակում՝ ևս մի խոչընդոտ։ Չափից շատ խոչընդոտներ եղան այս գիշեր։ Միշտ էլ շատ են եղել։ Եթե փաստաթղթերդ կարգին են ու մաքուր սրտով ես եկել, վտանգավոր բան չկա։ Վերջիվերջո վերադարձնում են թղթերդ ու շարունակում ես ճամփադ։ Բայց Ingles֊ն ասաց, որ պետք է շտապել։ Հիմա նա գիտեր, որ արդեն չի կարողանա գնալ֊հասնել կամրջի կռվին, բայց գոնե զեկուցագիրը տեղ հասցնի, այնինչ սեղանի ետևում նստած ծերուկը վերցրել ու դրել էր գրպանը։
 +
 +
― Կանգնե՛ք այդտեղ, ― ասաց Մարտին առանց նրանց նայելու։
 +
 +
― Լսե՛ք, ընկեր Մարտի, ― պոռթկաց Գոմեսը անիսոնի օղու ազդեցության տակ ավելի կատաղած։ ― Մենք այս գիշեր արդեն մի անգամ լավ ուշացել ենք անարխիստների տգիտության պատճառով։ Երկրորդ անգամ ֆաշիստ բյուրոկրատի ծուլության։ Հիմա էլ, ահա, կոմունիստի կասկածամտության։
 +
 +
― Բերանդ փակի՛ր, ― ասաց Մարտին առանց հայացքը բարձրացնելու։ ― Միտինգի չես։
 +
 +
― Ընկեր Մարտի՛, սա շատ շտապ գործ է, ― ասաց Գոմեսը։ ― Սա շատ կարևոր գործ է։
 +
 +
Կապրալն ու զինվորը, որոնք նրանց հետ էին, մեծ հետաքրքրությամբ դիտում էին այս ամենը, կարծես հանդիսատեսներ լինեին մի ներկայացման, որը բազմիցս տեսել էին, բայց լավ մասերը միշտ էլ կարող էին վերստին վայելել։
 +
 +
― Ամեն ինչ էլ շտապ է, ― ասաց Մարտին։ ― Ամեն ինչ էլ կարևոր է։ ― Հիմա նայում էր նրանց մատիտը պահած ձեռքի մեջ։ ― Ինչպե՞ս իմացաք, որ Գոլցը այստեղ է։ Գիտե՞ք, թե ինչ է նշանակում հարձակմանն անմիջապես նախորդող պահին անվանապես հարցնել գեներալին։ Դուք որտեղի՞ց գիտեք, որ գեներալը այստեղ պիտի լինի։
 +
 +
― Դո՛ւ պատմիր, ― ասաց Գոմեսը Անդրեսին։
 +
 +
― Ընկեր գեներալ, ― սկսեց Անդրեսը։ Անդրե Մարտին չուղղեց Անդրեսին, որը սխալմամբ բարձրացրել էր իր զինվորական աստիճանը։ ― Ինձ այդ ծրարը ռազմագծի այն կողմում տվեցին, որպեսզի․․․
 +
 +
― Ռազմագծի այն կողմո՞ւմ, ― ասաց Մարտին։ ― Այո, նա ասաց, որ դու ֆաշիստների թիկունքից ես եկել։
 +
 +
― Ինձ տվեց, ընկեր գեներալ, մի Ingles, անունը Ռոբերտո, դինամիտավոր է, կամուրջ է պայթեցնելու։ Հասկանո՞ւմ ես։
 +
 +
― Շարունակի՛ր պատմությունդ, ― ասաց Մարտին Անդրեսին, պատմություն բառն օգտագործելով խաբեության, կեղծիքի, հորինվածքի իմաստով։
 +
 +
― Ուրեմն, ընկեր գեներալ, Ingles֊ն ասաց ինձ, որ ծրարը շատ շտապ բերեմ գեներալ Գոլցին։ Նա այսօր այս սարերում հարձակում է սկսելու, խնդրում ենք, ընկեր գեներալ, եթե դժվար չէ ձեզ համար, թույլ տվեք տանենք֊հասցնենք ծրարը։
 +
 +
Մարտին նորից թափ տվեց գլուխը։ Նա նայում էր Անդրեսին, բայց չէր տեսնում նրան։
 +
 +
Գոլցը, մտածում էր նա սարսափի ու հրճվանքի այն խառն զգացումով, որը մարդ ունենում է, երբ լսում է, որ իր մրցակիցը ավտովթարի զոհ է դարձել, կա անձնավորությունը, որին ատում է, բայց որի ազնվությանը երբեք չի կասկածել, խաբեության մեջ է մեղադրվում։ Որ Գոլցը նույնպես դրանցից է։ Որ Գոլցը այսպիսի ակնհայտ կապերի մեջ է ֆաշիստների հետ։ Գոլցը, որին շուրջ քսան տարի է, ինչ ճանաչում է։ Գոլցը, որ Լուկաչի հետ այն ձմռանը ոսկիով բեռնավորված գնացքը գրավեց Սիբիրում։ Գոլցը, որը կռվել է Կոլչակի դեմ, կռվել է Լեհաստանում, Կովկասում, Չինաստանում, հոկտեմբերի մեկից էլ այստեղ է։ Բայց նա Տուխաչևսկու հետ մոտ էր։ Այո, Վորոշիլովի հետ էլ։ Բայց Տուխաչևսկու։ Ուրիշ ո՞ւմ հետ։ Այստեղ, անշուշտ, Կարկովի։ Եվ Լուկաչի։ Դե հունգարացիները բոլորն էլ քսու տիպեր են։ Գալին ատում էր։ Գոլցը ատում էր Գալին։ Բայց Փուցին լավ է վերաբերվել։ Հիշի՛ր դա։ Եվ Դյուվալը նրա շտաբի պետն է։ Տես, թե ինչ է դուրս գալիս։ Հիշում ես, չէ՞, ոնց Կոպիկին հիմար անվանեց։ Պարզ է։ Փաստ է։ Հիմա էլ, ահա, զեկուցագիր։ Ֆաշիստների թիկունքից։ Չէ, փտած ճյուղերը պիտի էտես, որպեսզի ծառը առողջ մնա ու աճի։ Փտածը պետք է ակնհայտ դառնա, որպեսզի ոչնչացվի։ Այս էլ քեզ Գոլցը։ Ուրեմն Գոլցն էլ դավաճան պիտի դառնար։ Չէ, ոչ մեկին չպիտի վստահես։ Ոչ մեկին։ Երբեք։ Ոչ իսկ կնոջդ։ Ոչ իսկ եղբորդ։ Ոչ իսկ ամենահին ընկերոջդ։ Ոչ մեկին։ Եբրեք։
 +
 +
― Տարե՛ք դրանց, ― ասաց ժամապահներին։ ― Ուշադիր հսկեք։ ― Կապրալը նայեց զինվորին։ Մարտիի այս անգամվա ներկայացումը աշխույժ չէր։
 +
 +
― Ընկեր Մարտի, ― ասաց Գոմեսը։ ― Խելքներդ մի՛ թռցնեք։ Լսե՛ք ինձ՝ օրինապահ սպայիս, ընկերոջը։ Այս զեկուցագիրը պետք է հանձնել։ Այս ընկերը ֆաշիստական գիծն անցել է, որպեսզի բերի֊հանձնի ընկեր գեներալ Գոլցին։
 +
 +
― Տարե՛ք դրանց, ― հիմա արդեն մեղմ ասաց Մարտին պահակներին։ Որպես մարդկային էակների նա խղճում էր նրանց, գուցև անհրաժեշտ լինի վերացնել։ Բայց նրան ճնշում էր Գոլցի ողբերգությունը։ Ուրեմն Գոլցն էլ այսպես, մտածում էր նա։ Ֆաշիստների այս զեկուցագիրը հիմա ևեթ պետք է ցույց տալ Վառլովին։ Ոչ, ավելի լավ է տանի անձամբ Գոլցին և տեսնի, թե նա ինչպես է ընդունելու դա։ Այդպես էլ կանի։ Վառլովին ինչո՞ւ պետք է վստահի, Գոլցը նրա հետ էլ մոտ է եղել։ Ո՛չ։ Այս գործի մեջ շատ զգույշ պետք է լինել։
 +
 +
Անդրեսը դարձավ Գոմեսին․
 +
 +
― Ի՞նչ է, չի՞ ուզում զեկուցագիրն ուղարկել, ― հարցրեց։ Նա չէր կարողանում հավատալ դրան։
 +
 +
― Չե՞ս տեսնում, ― ասաց Գոմեսը։
 +
 +
― Me cago en su puta madre, ― ասաց Անդրեսը։ ― Esta loco:
 +
 +
― Այո, ― ասաց Գոմեսը։ ― Խելագար է։ Խելագար ես։ Լսո՞ւմ ես։ Խելագա՛ր, ― գոռալով ասաց Մարտիին, որը կարմիր֊կապույտ մատիտը ձեռքին հակվել էր քարտեզի վրա։ ― Լսո՞ւմ ես, խելագար մարդասպա՛ն։
 +
 +
― Տարե՛ք դրանց, ― ասաց Մարտին պահակին։ ― Խելքները թռցրեցին, երբ հասկացան, թե ինչ մեծ հանցանք են գործել։
 +
 +
Այդ նախադասությունը ծանոթ էր կապրալին։ Առաջ էլ էր լսել։
 +
 +
― Խելագար մարդասպան, ― գոռաց Գոմեսը։
 +
 +
― Hijo de la gran puta, ― ասաց Անդրեսը նրան։ ― Loco:
 +
 +
Այդ մարդու բթությունը կատաղեցրել էր նրան։ Թե խելագար է, թող տանեն խելագարների մոտ։ Թող զեկուցագիրը հանեն գրպանից։ Գրողի ծոցը այդ խելագարը։ Իսպանական ահավոր կատաղությունը սկսել էր ծառս լինել ու բարձրանալ նրա մեղմ ու բարի բնավորության վրա։ Մի փոքր էլ, և կուրացնելու էր նրան։
 +
 +
Մարտին, որ նայում էր քարտեզին, գլուխը տխուր թափ տվեց, երբ պահակը տարավ Գոմեսին ու Անդրեսին։ Պահակներին բավականություն էր պատճառել այն պահը, երբ նրանք սկսել էին հայհոյել Մարտիին, բայց, ընդհանուր առմամբ, ներկայացումը հիասթափություն էր պատճառել։ Շատ ավելի լավերն էին տեսել նրանք։ Անդրե Մարտին երբեք ոչ մի նշանակություն չէր տվել հայհոյանքներին։ Այնքան մարդիկ էին նրա հետ զրույցն ավարտել հայհոյանքներով։ Նա միշտ անկեղծորեն խղճացել էր նրանց որպես մարդկային էակների։ Միշտ մտածել էր նրանց մասին, և դա մեկն էր այն հատուկենտ անկեղծ մտքերից, որոնք դեռևս մնացել էին նրա մոտ և որոնք կարող էր իրենը համարել։
 +
 +
Նա նստել էր այդտեղ՝ բեղերն ու աչքերը սևեռած քարտեզին, որից երբեք ոչինչ չէր հասկացել, ու նայում էր շագանակագույն հորիզոնականների բարակ, համակենտրոն, ոստայնանման գծերին։ Նա գիտեր, որ դրանք բարձունքներ ու հովիտներ են ցույց տալիս, բայց ոչ մի կերպ չէր կարողանում ըմբռնել, թե ինչու այս մեկը բարձունք է, իսկ սա՝ հովիտ։ Եվ քանի որ Ինտերնացիոնալ բրիգադների քաղաքական կոմիսարը լինելով իրավունք ուներ ամնե ինչի միջամտելու, ուստի և գլխավոր շտաբում մատը դնում էր շագանակագույն, բարակ գծիկներով շրջապատված համարակալված մի քանի կետի վրա, որը զետեղված էր անտառային կանաչ գոտում և կտրատված էր գետերի ոլորապտույտ ընթացքին բոլորովին ոչ պատահականորեն զուգահեռ ճանապարհներով, և ասում էր․ «Ա՛յ, այստեղ։ Սա է թույլ կետը»։
 +
 +
Գալը և Կոպիկը, որոնք հաշվենկատ ու փառասեր քաղաքական գործիչներ էին, համաձայնվում էին, իսկ որոշ ժամանակ անց, մարդիկ, որոնք երբեք չէին տեսել քարտեզը, բայց որոնց հարձակմանը նախորդող պահին հաղորդել էին բարձունքի համարը, բարձրանում էին ու իրենց մահը գտնում նրա լանջերին, կամ էլ, դեռևս ստորոտին, ձիթենիների պուրակներից տեղացող գնդացրային կրակից։ Մեկ ուրիշ կողմից գուցեև ավելի հեշտ կլիներ բարձունքը գրավելը, բայց միևնույն է, դա էլ ոչ մի իմաստ չուներ։ Բայց երբ Գոլցի շտաբում Անդրե Մարտին մատը դնում է քարտեզի վրա, գլուխն սպիներով պատված և դժգույն դեմքով գեներալի ծնոտի մկանները ձգվում էին և նա մտածում էր․ «Ես ձեզ, Անդրե Մարտի, կգնդակահարեի և թույլ չէի տա, որ ձեր այդ փտած մատը քարտեզի վրա դնեք։ Անիծվե՛ք դուք, որ այնքան մարդկանց մահվան պատճառ դարձաք, ձեր չիմացած գործերին միջամուխ լինելով։ Անիծվեր այն օրը, երբ ձեր անունով տրակտորի գործարաններ, գյուղեր ու կոլտնտեսություններ սկսեցին կոչել, և դուք դարձաք խորհրդանիշ, դարձաք անձեռնմխելի, և հիմա այլևս չեմ կարող ես ձեզ դիպչել։ Գնացեք, կասկածեցե՛ք, սպառնացե՛ք, միջամտեցե՛ք, մատնեցե՛ք, գնդակահարեցե՛ք, գնացեք ուր ուզում եք, միայն թե հեռացե՛ք իմ շտաբից»։
 +
 +
Սակայն այդ ամենն ասելու փոխարեն, Գոլցը հենվում էր աթոռի թիկնակին, գլուխը ետ գցում այդ կռացած զանգվածից, ցցված մատից, խոնավ, մոխրագույն աչքերից, սպիտակող բեղերից, գարշահոտ շնչից և ասում էր․ «Այո՛, ընկեր Մարտի։ Ես ձեր տեսակետը հասկացա։ Բայց և այնպես, դա համոզիչ չէ, և ես ձեզ հետ համաձայն չեմ։ Դուք կարող եք գործել իմ գլխի վրայով։ Այո՛։ Դուք կարող եք դա, ինչպես ասացիք, կուսակցական հարց դարձնել։ Բայց ես ձեզ հետ համաձայն չեմ»։
 +
 +
Իսկ հիմա Անդրե Մարտին նստել էր դատարկ սեղանի վրա փռված քարտեզի դիմաց, էլեկտրական լամպի լույսն ընկել էր լայն բերետով ծածկված գլխին, նա բերետն առաջ էր քաշել, որպեսզի աչքերը լույսից պաշտպանի, նայում էր մոմատիպով բազմացված հարձակման հրամանին և դանդաղ, ուշադիր և ջանասիրաբար աշխատում էր քարտեզի վրա, ինչպես ռազմական ուսումնարանում սովորող երիտասարդ սպան, որին հանձնարարված է որևէ խնդիր վճռել։ Պատերազմը ամբողջովին կլանել էր նրան։ Մտովի ինքն էր զորքերի հրամանատարը։ Ինքն իրավունք ուներ միջամուխ լինելու որոշումներին, դրա համար էլ հավատացած էր, որ ինքն է գործողությունները ղեկավարում։ Եվ այսպես Ռոբերտ Ջորդանի Գոլցին ուղղված զեկուցագիրը նա դրել էր գրպանը։ Գոմեսն ու Անդրեսը սպասում էին պահակասենյակում, իսկ Ռոբերտ Ջորդանը պառկել էր անտառում, կամրջի մոտ։
 +
 +
Եթե Անդրե Մարտին Գոմեսին ու Անդրեսին չպահեր էլ, դժվար թե այդ առաքելությունը որևէ փոփոխություն մտցներ գործի ընթացքի մեջ։ Ռազմաճակատում չկար այնպիսի մի մարդ, որ հարձակումն հետաձգելու բավարար իշխանությամբ օժտված լիներ։ Մեքենան շատ վաղուց էր շարժման մեջ դրվել, և հնարավոր չէր հիմա միանգամից կասեցնել։ Ռազմական բոլոր գործողությունների ժամանակ էլ մեծ է իներցիայի ուժը։ Բայց երբ իներցիան հաղթահարվում է և մեքենան շարժման մեջ է դրվում, կասեցնելը նույնքան դժվար է, ինչքան սկսելը։
 +
 +
Իսկ այդ գիշեր, երբ բերետն աչքերին քաշած ծեր մարդը նստել էր սեղանի առաջ ու նայում էր դիմացը փռված քարտեզին, դուռը բացվեց և ներս մտավ ռուս լրագրող Կարկովը՝ երկու ուրիշ ռուսների հետ, որոնք քաղաքացիական հագուստներով էին, կաշվե վերարկուով և կեպիով։ Պահակախմբի կապրալը դուռը տհաճությամբ փակեց նրանց ետևից։ Կարկովը ղեկավարներից առաջինն էր, որ հայտնվել էր այդտեղ։
 +
 +
― Տովարիշչ Մարտի, ― ասաց Կարկովը քաղաքավարի֊արհամարհական շվշվախոսությամբ և ժպտաց՝ ցույց տալով փչացած ատամները։
 +
 +
Մարտին կանգնեց։ Նա Կարկովին չէր սիրում, բայց Կարկովը «Պրավդայից» էր և ուղիղ կապի մեջ էր Ստալինի հետ, տվյալ պահին Իսպանիայում գտնվող երեք ամենակարևոր մարդկանցից մեկն էր։
 +
 +
― Տովարիշչ Կարկով, ― ասաց նա։
 +
 +
― Հարձակո՞ւմն եք նախապատրաստում, ― ասաց ամբարտավանորեն՝ գլխով ցույց տալով քարտեզը։
 +
 +
― Ուսումնասիրում եմ, ― պատասխանեց Մարտին։
 +
 +
― Դո՞ւք եք հարձակումը ղեկավարում, թե՞ Գոլցը, ― անխռով շարունակեց Կարկովը։
 +
 +
― Ես լոկ կոմիսար եմ, ինչպես գիտեք, ― ասաց Մարտին։
 +
 +
― Չէ, ― ասաց Կարկովը։ ― Համեստություն եք անում։ Դուք իսկական գեներալ եք։ Քարտեզ ունեք, դաշտային հեռադիտակ։ Բայց մի ժամանակ դուք ադմիրալ եք եղել, չէ՞, ընկեր Մարտի։
 +
 +
― Հրետաձգի օգնական էի, ― ասաց Մարտին։ Սուտ էր։ Իրականում նա ապստամբության պահին եղել էր ավագ գրագիր։ Բայց վաղուց արդեն այն կարծիքին էր, որ հրետաձգի օգնական է եղել։
 +
 +
― Աա՜։ Ես կարծում էի, որ սովորական գրագիր եք եղել, ― ասաց Կարկովը։ ― Միշտ շփոթում եմ փաստերը։ Լրագրողին բնորոշ հատկություն։
 +
 +
Մյուս ռուսները խոսակցությանը չէին մասնակցում, նրանք Մարտիի ուսերի վրայով նայում էին քարտեզին և մեկ֊մեկ ինչ֊որ բաներ էին ասում իրար իրենց լեզվով։ Ողջույնից հետո Մարտին ու Կարկովը խոսում էին ֆրանսերեն։
 +
 +
― Կարևորն այն է, որ «Պրավդային» սխալ փաստեր չուղարկեք, ― ասաց Մարտին։ Ասաց միանգամից, կտրուկ, որպեսզի կարողանա նորից ինքն իրեն հավաքել։ Կարկովը միշտ էլ նրա փուքսն իջեցնում էր։ Ինչպես ֆրանսիացիներն են ասում՝ degonfler: Եվ այդ բանը Մարտիին տանջում էր, նա միշտ զգույշ էր նրա հետ զրուցելիս։ Երբ Կարկովը խոսում էր նրա հետ, նա մոռանում էր, որ ինքը Անդրե Մարտին է, որ իրեն Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն է լիազորել ու կարևոր հանձնարարությամբ գործուղել է այստեղ։ Մոռանում էր, որ ինքն անձեռնմխելի է։ Կարկովը միշտ, ցանկացած պահին և շատ հանգիստ դիպչում էր նրան։
 +
 +
― Ես սովորաբար ստուգում եմ փաստերը, հետո միայն հաղորդում «Պրավդային», ― ասաց Կարկովը։ ― «Պրավդայի» իմ հաղորդումները շատ ճշգրիտ են։ Ասացե՛ք, ընկեր Մարտի՛, Սեգովիայում գործող պարտիզանական ջոկատներից Գոլցին ուղարկված ինչ֊որ զեկուցագրի մասին որևէ բան լսե՞լ եք։ Այնտեղ մի ամերիկացի ընկեր է գտնվում հիմա, Ռոբերտ Ջորդան անունով, նա պետք է տեղեկություններ տար։ Հաղորդումներ եղան, որ այնտեղ ֆաշիստների թիկունքում մարտեր են տեղի ունեցել։ Նա զեկուցագիր պետք է ուղարկեր Գոլցին։
 +
 +
― Ամերիկացի՞, ― հարցրեց Մարտին։ Անդրեսը Ingles էր ասել։ Ահա թե ինչ։ Ուրեմն նա սխալվել է։ Եվ ինչո՞ւ էին այդ հիմարները դիմել իրեն։
 +
 +
― Այո, ― արհամարհանքով նայեց Կարկովը նրան, ― երիտասարդ մի ամերիկացի, քաղաքականապես ոչ այնքան զարգացած, բայց շատ լավ է ճանաչում իսպանացիներին և պարտիզանական գործի հիանալի մասնագետ է։ Այդ զեկուցագիրը, ընկեր Մարտի, հիմա տվեք ինձ։ Առանց այդ էլ շատ են ուշացրել։
 +
 +
― Ի՞նչ զեկուցագիր, ― հարցրեց Մարտին։ Անշուշտ դա շատ հիմար հարց էր, ինքն էլ գիտեր դա, բայց անկարող էր այդքան արագ ընդունել, որ ինքը սխալվել է և տվեց հարցը, որպեսզի ուշացնի նվաստացման պահը կամ խուսափի նվաստացումից։
 +
 +
― Եվ անցագիրը, ― ասաց Կարկովը փչացած ատամների արանքով։
 +
 +
Անդրե Մարտին ձեռքը տարավ գրպանը և զեկուցագիրը դրեց սեղանին։ Նա շեշտակի նայեց Կարկովի աչքերի մեջ։ Դե լավ։ Սխալվել էր, ի՞նչ կարող էր անել, բայց նվաստացման հետ չէր հաշտվում։
 +
 +
― Եվ անցագիրը, ― ցածրաձայն ասաց Կարկովը։ Մարտին անցագիրը դրեց զեկուցագրի կողքին։
 +
 +
― Ընկեր կապրալ, ― կանչեց Կարկովը իսպաներեն։ Կապրալը դուռը բացեց և ներս եկավ։ Նա արագ հայացք գցեց Մարտիի վրա, որը նայում էր իրեն որսաշներից հալածական ծեր վարազի նման։ Մարտիի դեմքին վախի արտահայտություն չկար, ոչ էլ նվաստացման։ Նա զայրացած էր, միայն այդքան, և եթե հալածական էր, ապա լոկ ժամանակավորապես։ Նա գիտեր, որ այս շները երբեք չեն կարողանա իր կոկորդից բռնել։
 +
 +
― Սրանք տվեք պահակասենյակի այն երկու ընկերներին և նրանց ուղարկեցեք գեներալ Գոլցի շտաբը, ― ասաց Կարկովը կապրալին։ ― Շատ են ուշացել։
 +
 +
Կապրալը դուրս եկավ, Մարտին հայացքով հետևեց նրան, հետո նայեց Կարկովին։
 +
 +
― Տովարիշչ Մարտի, ― ասաց Կարկովը։ ― Ես կիմանամ, թե դու ինչքանով եք անձեռնմխելի։
 +
 +
Մարտին շեշտակի նայեց նրան ու ոչինչ չասաց։
 +
 +
― Կապրալի դեմ չսկսեք ինչ֊որ բաներ սարքել, ― շարունակեց Կարկովը։ ― Կապրալն ինձ ոչինչ չի ասել։ Ես ինքս տեսա այդ երկուսին պահակասենյակում և նրանք դիմեցին ինձ (սուտ էր)։ Ես հույս ունեմ, որ մարդիկ միշտ էլ կդիմեն ինձ (դա ճիշտ էր, բայց իրեն կապրալն էր ասել)։ ― Կարկովը հավատացած էր, որ իր մատչելի լինելը բարիք է բերում մարդկանց, որ բարյացակամ միջամտությունը օգտակար է լինում։
 +
 +
― Գիտե՞ք, որ ՍՍՀՄ֊ում ես շատ նամակներ եմ ստանում «Պրավդայի» հասցեով, Ադրբեջանում մի անարդարություն է լինում, ինձ են գրում։ Դուք դա գիտեի՞ք։ Ասում են՝ «Կարկովը մեզ կօգնի»։
 +
 +
Անդրե Մարտին նայում էր նրան, և նրա դեմքի վրա ոչ մի արտահայտություն չկար, բացի զայրույթից ու զզվանքից։ Նրա ուղեղում հիմա միայն մի բան կար՝ Կարկովն իրեն վատություն արեց։ Դե լավ, Կարկով, հզոր ես, ճիշտ է, բայց զգույշ կաց։
 +
 +
― Այս դեպքում, իհարկե, հարցը մի փոքր ուրիշ է, ― շարունակեց Կարկովը, ― բայց սկզբունքորեն նույնն է։ Ես կիմանամ, թե դուք ինչքանով եք անձեռնմխելի, ընկեր Մարտի։ Ես կփորձեմ իմանալ, թե արդյոք հնարավոր չէ՞ տրակտորի այդ գործարանի անունը փոխել։
 +
 +
Անդրե Մարտին հայացքը շրջեց նրանից և նորից սկսեց նայել քարտեզին։
 +
 +
― Ի՞նչ էր գրել երիտասարդ Ջորդանը, ― հարցրեց Կարկովը։
 +
 +
― Չեմ կարդացել, ― ասաց Անդրե Մարտին։ ― Et maintenant fiche moi la paix,<ref>Իսկ հիմա ինձ հանգիստ թող (ֆր․):</ref> ընկեր Կարկով։
 +
 +
― Լավ, ― ասաց Կարկովը։ ― Գնացի, զբաղվեք ձեր ռազմական գործերով։
 +
 +
Նա դուրս եկավ և գնաց պահակասենյակ։ Անդրեսն ու Գոմեսն արդեն գնացել էին, նա մի պահ կանգնեց այդտեղ, նայեց ճանապարհին, այգաբացի գորշավուն շողերի մեջ գծագրվող լեռների բարձունքներին։ Պիտի գնանք֊հասնենք այդտեղ, ասաց ինքն իրեն։ Հիմա արդեն շուտով։
 +
 +
Անդրեսն ու Գոմեսը դարձյալ նստել էին մոտոցիկլը և ճանապարհ ընկել։ Լուսանում էր։ Անդրեսը վերստին կառչել էր առջևի նստարանի բռնակից, իսկ մոտոցիկլը, ճեղքելով բարձունք տանող ուղին պարուրած գորշ մշուշը, բարձրանում էր կեռմաններով, և հանկարծ Գոմեսն արգելակեց, իջան, կանգնեցին զառիվայր ճանապարհի մեջտեղը։ Ներքևում, անտառի մեջ, իրենցից դեպի ձախ, սոճու ճյուղերով ծածկված տանկեր էին կանգնած։ Անտառը զորքով էր լցված։ Անդրեսը նկատեց, որ զինվորները երկար բռնակներով պատգարակներ են տեղափոխում ուսերին։ Դեպի աջ, ճանապարհից դուրս, ծառերի տակ, շտաբի ավտոմեքենաներ էին կանգնած, երեք հատ, դրանք նույնպես քողարկված էին սոճու ճյուղերով։
 +
 +
Գոմեսը մոտոցիկլը քշեց այդ մեքենաներից մեկի մոտ, հենեց մի ծառի և սկսեց խոսել վարորդի հետ, որը մեջքը դեմ էր արել ծառի բնին ու նստել հատակին։
 +
 +
― Արի տանեմ նրա մոտ, ― ասաց վարորդը։ ― Moto֊դ դիր մի կողմ, դրանցով էլ ծածկիր, որպեսզի չերևա։ ― Նա ցույց տվեց կտրված ճյուղերի կույտը։
 +
 +
Ծագող արևի շողերը ծառերի միջով ընկել էին ցած, Գոմեսն ու Անդրեսը գնում էին վարորդի ետևից, որի անունը Վիսենտե էր։ Զառիթափ ճամփով հասան բլինդաժ, որի կտուրից լարեր էին ձգված դեպի ծառերը, այնուհետև հեռո՜ւ֊ հեռո՜ւ։
 +
 +
Վարորդը գնաց ներս, իրենք մնացին մուտքի մոտ, Անդրեսը հիացած նայում էր բլինդաժին, որը հեռվից բլրի լանջին փորված սովորական փոս էր թվում։ Կողքերը, ինչքան հնարավոր էր նկատել մուտքից, հող չկար։ Երևում էր, որ խորն է, և բավական ընդարձակ, մարդիկ ազատ կարող են շարժվել, առանց վախենալու, որ գլուխները կխփեն գերանապատ առաստաղին։
 +
 +
Վարորդ Վիսենտեն դուրս եկավ։
 +
 +
― Նա վերևում է, այնտեղ, զորքերի մոտ, ― ասաց Վիսենտեն։ ― Ես ծրարը տվեցի շտաբի պետին։ Վերցրո՛ւ ստորագրությունը։
 +
 +
Նա Գոմեսին մեկնեց ստորագրված ծրարը։ Գոմեսը տվեց Անդրեսին, Անդրեսը նայեց ու դրեց շապիկի գրպանը։
 +
 +
― Ստորագրողի անունը ի՞նչ է, ― հարցրեց նա։
 +
 +
― Դյուվալ, ― ասաց Վիսենտեն։
 +
 +
― Լավ, ― ասաց Անդրեսը։ ― Դա այն երեքից մեկն է, որոնց պետք է հանձնեի։
 +
 +
― Սպասելո՞ւ ենք պատասխանին, ― հարցրեց Գոմեսը Անդրեսին։
 +
 +
― Լավ կլիներ։ Թեև աստված գիտի, թե որտեղ կարող եմ Ingles֊ին ու մյուսներին գտնել կամրջից հետո։
 +
 +
― Արի գնանք ինձ հետ, ― ասաց Վինսենտեն։ ― Մինչև գեներալը վերադառնա, մի սուրճ կխմես։ Սոված կլինես, արի։
 +
 +
― Այս ինչքա՜ն տանկ կա, ― ասաց Գոմեսը։
 +
 +
Նրանք անցնում էին ճյուղերով ծածկված ցեխագույն տանկերի կողքով, որոնց թողած թրթուրանիվների հետքերի վրա սոճու ասեղնատերևներ էին շաղ տվել։ Ճյուղերի արանքներից թնդանոթների 45 միլիմետրանոց փողերը դուրս էին ցցվել։ Կաշվե կիսավերարկու հագած ու գլուխներին ցցուն կողիկներով սաղավարտ դրած վարորդներն ու հրաձիգները մեջքները տվել էին տանկերին ու նստել գետնին, իսկ ոմանք պառկել֊քնել էին։
 +
 +
― Սրանք պահեստի տանկերն են, ― ասաց Վիսենտեն։ ― Զորքն էլ։ Հարձակումն սկսողները վերևում են։
 +
 +
― Շատ շատ են, ― ասաց Անդրեսը։
 +
 +
― Այո, ― ասաց Վիսենտեն։ ― Մի ամբողջ դիվիզիա։
 +
 +
Բլինդաժում Դյուվալը բացել էր Ռոբերտ Ջորդանից ստացված զեկուցագիրը, պահել էր ձախ ձեռքում և մերթ֊մերթ նայում էր նույն բազուկին կապված ժամացույցին։ Արդեն չորրորդ անգամ էր կարդում զեկուցագիրը, և ամեն ընթերցումից հետո զգում էր, թե ինչպես թևատակերից քրտինքը ծորալով իջնում է կողերն ի վար։
 +
 +
Հեռախոսով փորձում էր կապվել Գոլցի հետ։
 +
 +
― Դե ուրեմն միացրեք Սեգովիայի գործողությունների շրջանը։ Գնացե՞լ է։ Միացրեք Ավիլայի շրջանը։
 +
 +
Հեռախոսափողը ցած չէր դնում։ Բայց ոչ մի արդյունք։ Երկու բլինդաժների հետ էլ կապվել էր։ Գոլցը մեկնել էր զորադասավորումներն ստուգելու։ Զանգահարեց մի տեղ։ Չկար։
 +
 +
― Միացրեք օդանավակայան, ― ասաց Դյուվալը, միանգամից իր վրա վերցնելով ամբողջ պատասխանատվությունը։ Կկասեցնի հարձակումը, կկասեցնի իր պատասխանատվությամբ։ Պետք է կասեցնել։ Էլ ի՞նչ անակնկալ հարձակման մասին է խոսքը, երբ թշնամին պատրաստ սպասում է դրան։ Դա ոճրագործություն է։ Դու այդ բանը չես կարող թույլ տալ։ Պետք չէ թույլ տաս։ Ինչ ուզում է թող լինի։ Թող քեզ գնդակահարեն։ Կարող ես ուղղակի օդանավակայանի հետ կապվել, որպեսզի չսկսվի ռմբակոծությունը։ Իսկ եթե այս հարձակման նպատակը թշնամու ուշադրությունը շեղե՞լն է։ Եթե նրա համար է, որ զորքերն ու սպառազինությունը դո՞ւրս քաշեն։ Կարող է, չէ՞։ Այդ ե՞րբ են ասել, թե որ հարձակումը ինչ նպատակով է կատարվում։
 +
 +
― Օդանավակայանը պետք չէ, ― ասաց կապավորին։ ― Տվեք 69-րդ բրիգադայի դիտակետը։
 +
 +
Նա դեռ սպասում էր կապի, երբ լսվեց առաջին ինքնաթիռների ձայնը։
 +
 +
Այդ պահին միացրեցին դիտակետի հետ։
 +
 +
― Այո, ― հանգիստ ասաց Գոլցը։
 +
 +
Նա թիկունքը հենել էր ավազով լցված պարկին, ոտքերը դեմ տվել ժայռին ու նստել էր, սիգարետը կախվել էր ներքևի շրթունքից, խոսում էր և միաժամանակ մեկ վերև էր նայում, մեկ աջ ու ձախ։ Տեսնում էր եռյակների մեծացող սեպերը, որոնք արևի առաջին ճառագայթների հետ գալիս էին լեռների թիկունքից և, գեղեցիկ ու փայլփլուն, արծաթին տալով դղրդոցով ճեղքում էին երկինքը։ Եվ երբ արդեն ընկավ պրոպելլերների վրա, նա տեսավ, թե ինչպես նրանց շուրջ զույգ լուսապսակներ գոյացան։
 +
 +
― Այո, ― ասաց հեռախոսով ֆրանսերեն, որովհետև Դյուվալն էր խոսակիցը։ ― Nous sommes foutus. Oui. Comme toujours. Oui: C'est dommahe. Oui. Խայտառակ բան է, ինչո՞ւ այսքան ուշ իմացանք։
 +
 +
Նա հետևում էր ինքնաթիռներին, և նրա աչքերում հպարտություն էր երևում։ Այժմ արդեն պարզ տեսնում էր նրանց թևերի կարմիր տարբերանշանները, նայում էր, թե ինչպես անհողդողդ, վեհապանծ ընթացքով ու մռնչյունով նրանք ճեղքում են օդը։ Ահա թե ինչպես կարող էր լինել։ Մեր ինքնաթիռներն են սրանք։ Եկել են Սև ծովից, եկել են նավերով, կտրել են Մարմարան, Դարդանելը, Միջերկրականը, հետո զգուշորեն ափ են իջեցվել Ալիկանտեում, մասնագետները սիրով հավաքել են, փորձարկել և համոզվել, որ անթերի են, և հիմա նրանք սեղմ ու հստակ սեպեր կազմած, առավոտյան արևի ճառագայթների տակ արծաթին տալով գնում են դեպի հեռավոր այն բարձունքները, որպեսզի դղրդյունով հոդս ցնդեցնեն ամեն ինչ, ու մենք կարողանանք առաջ շարժվել։
 +
 +
Գոլցը գիտեր, որ ինքնաթիռներն հիմա կանցնեն իր գլխավերևով, և քիչ հետո գլխիվայր սուզվող սև դելֆինների նման ռումբերը կթափվեն բարձունքների վրա, և լեռների կատարները դղրդյունով օդ կբարձրանան, փոշու ամպերը կդառնան մի հոծ զանգված և ամեն ինչ կծածկեն տեսողությունից։ Այդ ժամանակ սարալանջերի երկու կողմերով տանկերը շռնդալով կսողան, և նրանց ետևից իր երկու բրիգադները առաջ կշարժվեն։ Այո, եթե հարձակումն անակնկալ լիներ, նրանք կարող էին գնալ ու գնալ, իջնել սարալանջով, անցնել կիրճը, մերթընդմերթ կանգ առնել, մաքրել ճանապարհը, դա շատ կարևոր է, տանկերի մի մասը մանևրելով ու գնդակոծելով կծածկի հետևակին, մյուսներն առաջ կշարժվեն, ու զինվորները կգնան նրանց ետևից, կգնան առաջ։ Այսպես կլիներ, եթե դավաճանություն տեղի չունենար, եթե յուրաքանչյուրն աներ այն, ինչ պարտավոր էր անել։
 +
 +
Դիմացն ահա երկու լեռնապարերն են, այստեղ են տանկերը, այստեղ են իր երկու հիանալի բրիգադները՝ պատրաստ հարկ եղած պահին անտառից դուրս գալու, երևացին, ահա, նաև ինքնաթիռները։ Ինչ պետք էր անել, ինքն արել է, և արել է ինչպես հարկն է։
 +
 +
Բայց երբ նայեց համարյա իր գլխավերևում գտնվող ինքնաթիռներին, զգաց, թե ինչպես աղիքները կծկվեցին, որովհետև այն պահից, երբ հեռախոսով հայտնեցին իրեն Ռոբերտ Ջորդանի զեկուցագրի բովանդակությունը, պարզ դարձավ, որ լեռների բարձունքներին ոչ ոք չի լինի, նրանք իջած կլինեն և պատսպարված նեղլիկ խրամատներում։ Թաքնված կլինեն անտառներում, հետո, երբ ռմբակոծիչներն հեռանան, նրանք կելնեն բարձունքներն ու գնդացիրներով, ավտոմատներով ու հակատանկային այն հրանոթներով, որոնց տեղափոխման մասին հայտնել էր Ջորդանը, կդիմավորեն մեզ, և մեր խայտառակությունների թիվը կավելանա ևս մեկով։ Իսկ ինքնաթիռները գալիս էին, գալիս էին այնպես, ինչպես որ պետք է գային, և Գոլցը, աչքերն հառած նրանց, ասաց հեռախոսով․
 +
 +
― Չէ։ Rien a faire: Rien: Faut pas penser: Faut accepter.<ref>Ոչինչ չես կարող անել։ Ոչինչ։ Պետք չէ մտածել։ Պետք է ընդունել (ֆր․):</ref>
 +
 +
Հայացքը սևեռած՝ Գոլցը հետևում էր ինքնաթիռներին իր խոժոռ, հպարտ աչքերով, որոնք գիտեին, թե ինչպես կարող էր լինել, բայց հակառակ դրան, ինչպես է լինելու, հպարտ նրանով, թե ինչպես կարող էր լինել, հավատացած նրան, թե ինչպես կարող էր լինել, եթե նույնիսկ երբեք չի լինելու, ասաց․
 +
 +
― Bon. Nous ferons notre petit possible,<ref>Լավ։ Կանենք ինչ հնարավոր է (fr.):</ref> և հեռախոսը կախեց։
 +
 +
Բայց Դյուվալը նրան չլսեց։ Նստած սեղանի առաջ, հեռախոսափողը ձեռքին, նա միայն ինքնաթիռների աղմուկն էր լսում և մտածում․ գուցե հիմա, ականջ դիր, գուցե այս անգամ ռմբակոծիչները հօդս ցնդեցնեն նրանց բոլորին, գուցե կարողանանք ճեղքել ճակատը, գուցե ստանա պահեստի ուժերը, որ խնդրել էր, գուցե սա է հենց, գուցե հենց այս անգամ է։ Դե։ Դե։ Ինքնաթիռների ոռնոցն այնքան ուժեղ էր, որ նա չէր կարողանում նույնիսկ իր մտքերը լսել։
 +
 +
 +
==Գլուխ քառասուներեքերորդ==
 +
 +
Ռոբերտ Ջորդանը պառկել էր սոճու բնի ետևը, կամուրջ տանող ճանապարհի վերևն ընկած սարալանջին ու նայում էր, թե ինչպես է լուսանում։ Միշտ սիրել էր օրվա այս ժամը, հիմա էլ, երբ նայում էր, այնպիսի մի զգացողություն ունեցավ, կարծես իր մեջ ևս այղ աղոտ լույսն էր, կարծես ինքն էլ մի մասն էր արևածագին նախորդող այդ դանդաղ լուսացումի, երբ առարկաները մգանում են, իսկ միջոցը լուսավորվում է, գիշերվա վառ լույսերը դառնում են դեղնավուն ու հետո բոլորովին հանգում։ Իրենից դեպի ցած սարալանջին կանգնած սոճիների բները հիմա արդեն ընդգծված շագանակագույն էին, նոսր մեգով պատված ճանապարհը փայլփլում էր։ Հագուստը խոնավացել էր ցողից, անտառի փափուկ հատակին կիտված շագանակագույն ասեղնատերևնրը սորում էին արմունկների տակ։ Գետակի հունից բարձրացող թեթև մշուշի միջով նա տեսավ կամրջի պողպատյա ձողակառույցը, որն ուղիղ և ամուր կապով անդունդի երկու եզրերը միացնում էին իրար, տեսավ ժամապահների փայտյա զույգ խցիկները։ Գետակի վրա կախված մշուշով պարուրված ձողակառույցը նուրբ, եթերային տեսք ուներ տակավին։
 +
 +
Հիմա նա տեսնում էր խցիկում կանգնած ժամապահի թիկունքը, հագի թիկնոցը, ծոծրակը, որ երևում էր պողպատյա սաղավարտի տակից, երբ ձեռքերը տաքացնելու համար նա կռանում էր նավթի ծածկված ամանից սարքված կրակարանի վրա։ Ռոբերտ Ջորդանը լսում էր խորունկ, ժայռերի միջով վազող գետակի ձայնը, տեսավ ժամապահի խցիկից բարձրացող աննշմար, բարակ ծուխը։
 +
 +
Նա նայեց ժամացույցին և մտածեց, տեսնես Անդրեսը հասա՞վ Գոլցի մոտ։ Եթե, այնուամենայնիվ, պայթեցնելու ենք կամուրջը, լավ է դանդաղեցնեմ շնչառությունս, որպեսզի դանդաղի և ժամանակի ընթացքը, և ես զգամ այն։ Կարծում ես հասե՞լ է։ Հասե՞լ է Անդրեսը։ Եվ եթե հասել է, կկասեցնե՞ն հարձակումը։ Կհասցնե՞ն կասեցնել։ Que va: Էլ մի՛ մտածիր։ Կամ կկասեցնեն, կամ՝ ոչ։ Ուրիշ որոշում չի կարող լինել, քիչ մնաց, շուտով կիմանաս։ Ենթադրիր, որ կարող է հաջողությամբ ավարտվել հարձակումը։ Գոլցն ասաց՝ կարող է։ Հնարավորություն կա։ Եթե տանկերն իջնեն այս ճամփով, զորքը աջով շրջանցի Լա Գրանխան և ձախից էլ այս լեռնապարը, հնարավոր է։ Ինչո՞ւ չես ուզում մտածել, որ հարձակումը կարող է հաջողությամբ ավարտվել։ Այսքան ժամանակ որ միայն պաշտպանվելու մասին ենք մտածել, դրա համար էլ հիմա հարձակումը չես էլ պատկերացնում։ Իհարկե։ Բայց Գոլցի հետ մեր խոսակցությունից հետո այս ճանապարհով շատ զորք ու զինամթերք փոխադրեցին դեպի սարերը։ Ինքնաթիռներն եկան։ Չէ՛։ Այդքան միամիտ մի՛ լինի։ Բայց այս բանը հիշի՛ր՝ քանի դեռ մենք դիմադրում ենք ֆաշիստներին, նրանց ձեռքերն ու ոտքերը կապված են, և նրանք չեն կարող ուրիշ երկրների վրա հարձակվել, նրանք նախ պետք է մեր վերջը տան, իսկ մեր վերջը տալ երբեք չեն կարող։ Եթե ֆրանսիացիները մեզ օգնեն, սահմանները չփակեն, եթե Ամերիկայից ինքնաթիռներ ստանանք, նրանք չեն կարող մեր վերջը տալ։ Երբեք, եթե որևիցե օժանդակություն ստանանք։ Այս մարդիկ հավերժ կմարտնչեն, եթե լավ զինես։
 +
 +
Ո՛չ, այստեղ պետք չէ հաղթանակ ակնկալել, թերևս դեռ մի քանի տարի։ Սա էլ լոկ ուշադրություն շեղելու նպատակ ունեցող հարձակում է։ Պատրանքներով մի՛ տարվիր։ Իսկ եթե մեզ այսօր հաջողվի ճեղքե՞լ ճակատը։ Ախր սա մեր առաջին մեծ հարձակումն է։ Ողջամտությունդ մի՛ կորցրու։ Բայց եթե հաջողվի՞։ Մի՛ տաքանար, ասաց ինքն իրեն։ Հիշիր, թե այս ճանապարհով ինչեր փոխադրեցին։ Դու արեցիր այն ամենը, ինչ կարող էիր։ Մեզ պետք է կարճալիք դյուրակիր ռադիոկայան։ Մի օր դա էլ կլինի։ Բայց առայժմ չկա։ Իսկ հիմա ուշադիր նայի՛ր ու արա այն, ինչ պետք է անես։
 +
 +
Այս օրը միայն մեկն է այն բոլոր օրերից, որ երբևէ լինելու են։ Բայց այսօրվա քո անելիքից է կախված, թե ինչեր կպատահեն այդ երբևէ լինելիք օրերին։ Այդպես է եղել այս ամբողջ տարին։ Բազում անգամ է այդպես եղել։ Այդպես է եղել այս ամբողջ պատերազմի ընթացքում։ Լավ ճոռոմաբանն ես դարձել առավոտ լուսով, ասաց ինքն իրեն։ Դու նայիր, թե այնտեղ ինչ է կատարվում։
 +
 +
Նա տեսավ, թե ինչպես թիկնոցներն ուսերին և գլուխները պողպատյա սաղավարտով ծածկված երկու մարդ, հրացաններն ուսերին, դուրս եկան ճանապարհի ոլորանից ու քայլեցին դեպի կամուրջը։ Մեկը կանգնեց կամրջի հեռավոր ծայրի խցիկի մոտ ու չէր երևում։ Մյուսը դանդաղ, ոտքերը ծանր֊ծանր առաջ գցելով քայլում էր կամրջով։ Մի պահ կանգ առավ ու թքեց ներքև՝ անդունդը, հետո վերստին դանդաղ գնաց դեպի մոտակա խցիկը, որտեղ մի քանի խոսք փոխանակեցին ժամապահի հետ, ինքը մնաց այնտեղ, իսկ մյուսը, արագ քայլերով (որովհետև շտապում է սուրճի, մտածեց Ռոբերտ Ջորդանը) գնաց, բայց նույնպես կամրջի վրա կանգ առավ ու թքեց ցած՝ անդունդը։
 +
 +
Տեսնես սնահավատությո՞ւն է, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Ես էլ կթքեմ։ Ասենք, եթե ի վիճակի լինեմ թքելու։ Չէ՛։ Դա չի կարող դարման լինել։ Չի օգնի։ Ես պիտի մինչև կամուրջ դուրս գալս ապացուցեմ, որ դա չի օգնում։
 +
 +
Նոր ժամապահը մտել էր խցիկ ու նստել։ Հրացանը՝ սվինը վրան, հենել էր պատին։ Ռոբերտ Ջորդանը վերնաշապկի գրպանից հանեց հեռադիտակը, ակնապակիները պտտեցրեց այնքան, մինչև որ հստակ ու որոշակիորեն երևացին կամրջի հեռավոր մասն ու գորշ գույնով ներկված մետաղը։ Հետո շրջեց դեպի ժամապահի խցիկը։
 +
 +
Ժամապահը նստել էր ու կռթնել պատին։ Սաղավարտը կախված էր կեռիկից, դեմքը պարզ երևում էր։ Ռոբերտ Ջորդանը ճանաչեց նրան, երկու օր առաջ էլ, կեսօրից հետո, այդ նույն մարդն էր։ Հիմա էլ գլխին նույն գործած գլխարկն էր։ Էլի սափրված չէր։ Այտերը փոս էին ընկած, այտոսկրերը ցցված էին։ Թավ հոնքեր ուներ, որ գալիս֊միանում էին կենտրոնում։ Կարծես քունը գլխին էր, Ռոբերտ Ջորդանը տեսավ, որ նա հորանջում է։ Ժամապահը մի պտղունձ ծխախոտ լցրեց թղթի վրա ու փաթաթեց։ Փորձեց հրահանը վառել, չեղավ, դրեց գրպանն ու մոտեցավ կրակարանին, կռացավ, մի փայտածուխ վերցրեց, մատների մեջ խաղացնելով փչեց, հրահրեց և, սիգարետը վառելուց հետո, նորից գցեց կրակարանը։
 +
 +
Երբ վերստին նստեց ու խցիկի պատին կռթնած սկսեց ծխել իր սիգարետը, Ռոբերտ Ջորդանը Յեյս֊8 հեռադիտակով երկար նայում էր նրա դեմքին։ Հետո հեռադիտակն իջեցրեց և դրեց գրպանը։
 +
 +
Այլևդ չեմ նայելու նրան, ասաց ինքն իրեն։
 +
 +
Պառկած սկսեց նայել ճանապարհին ու փորձեց ոչ մի բանի մասին չմտածել։ Ներքևում մի սկյուռ չկչկացրեց սոճու ճյուղերի մեջ, Ռոբերտ Ջորդանն սկսեց դիտել ծառի բնով իջնող սկյուռին, որը մի պահ կանգ առավ և դիտեց իրեն նայող մարդու ուղղությամբ։ Ռոբերտ Ջորդանը տեսավ սկյուռի փոքր ու փայլփլուն աչքերը, հուզմունքից ցնցվող պոչը։ Սկյուռը թռավ ցած, երկար, ծուռումուռ ոստյուններով, պոչն այս ու այն կողմ գցելով մոտեցավ մի ուրիշ ծառի։ Ծառի բնով մագլցելիս վերստին կանգ առավ ու նայեց Ռոբերտ Ջորդանին, հետո իրեն գցեց մյուս երեսն ու կորավ տեսադաշտից։ Մի փոքր անց Ռոբերտ Ջորդանը նորից լսեց սկյուռի չկչկոցը, որն արդեն գալիս էր վերևի ճյուղերից, կրկին երևաց՝ փռվել էր բերանքսիվայր մի ճյուղի երկայնքով, իսկ պոչը վեր֊վեր էր գցում։
 +
 +
Սոճիների միջով Ռոբերտ Ջորդանը նորից նայեց ներքև՝ ժամապահի խցիկին։ Հանկարծ մի ցանկություն առաջացավ նրա մեջ՝ սկյուռը կողքին, գրպանում ունենալու ցանկություն, մի բան, որին կարելի է ձեռք տալ, դիպչել։ Արմունկները ետ ու առաջ սահեցրեց ասեղնատերևների վրայով, բայց՝ չէ, դա այն զգացողությունը չէր։ Ոչ ոքի հայտնի չէ, թե ինչ աստիճանի մենակ է զգում մարդն իրեն, երբ սկսում է այսպիսի գործ կատարել։ Ասենք ինչո՞ւ ոչ ոքի, ինձ, օրինակ, հայտնի է։ Հույս ունեմ, որ նպատակս ողջ֊առողջ դուրս կգա այս թոհուբոհից։ Հիմա դա թո՛ղ։ Թո՛ղ, անպայման թո՛ղ։ Բայց հուսալ կարող եմ, չէ՞, դե իմ ասածն էլ դա է։ Հույս ունեմ, որ հաջողությամբ կպայթեցնեմ կամուրջը, և նա էլ ողջ֊առողջ դուրս կգա այս թոհուբոհից։ Այո՛։ Անշուշտ։ Հենց այսքան։ Այս է այն ամենը, ինչ ուզում եմ ես այժմ։
 +
 +
Հիմա նա պառկել էր այդտեղ ու նայում էր ճանապարհից, ժամապահների խցիկից այն կողմ, հեռավոր լեռներին։ Մի՛ մտածիր, բոլորովին մի՛ մտածիր, ասաց ինքն իրեն։ Հանգիստ պառկեց ու դիտեց բացվող առավոտը։ Ամառային հրաշալի առավոտ էր, իսկ հիմա, մայիսի վերջին, շատ կանուխ էր բացվում։ Կաշվե վերարկուով և կաշվի սաղավարտով մի մոտոցիկլիստ, ձախ ազդրին՝ պատյանի մեջ դրված մի ավտոմատ, կամրջի վրայով եկավ ու քշեց֊գնաց վերև։ Հետո կարմիր խաչի մի մեքենա եկավ ու իրենից մի քիչ ներքևով նույնպես վերև գնաց։ Այդքան։ Ուրիշ ոչ մի մեքենա չշարժվեց այլևս ճանապարհով։ Հիմա նրա ռունգերը սոճու բույրով էին լցվել, ականջների մեջ գետակի աղմուկն էր, դիմացը՝ կամուրջը, որ այնպես պայծառ ու գեղեցիկ էր առավոտյան լույսերի մեջ։ Նա պառկել էր սոճու բնի ետևը, ավտոմատը դրել էր ձախ թևին ու այլևս չէր նայում ժամապահի խցիկին։ Ի՞նչ կարող է պատահել մայիսյան այսպիսի հրաշալի առավոտով, և հանկարծ լսվեցին իրար ետևից պայթող ռումբերի թնդյուններ։
 +
 +
Հենց որ լսեց ռումբերի առաջին պայթյունները, խոր շունչ քաշեց, էլ չսպասեց, որ լեռներից տարածվող արձագանքի դղրդոցներն հասնեն, ավտոմատը վերցրեց թևի վրայից, որը զենքի ծանրությունից ընդարմացել էր, և մատները դժվարությամբ էին բացվում ու փակվում։
 +
 +
Խցիկում նստած ժամապահը երբ ռուբերի ձայնն առավ, վեր կացավ։ Ռոբերտ Ջորդանը տեսավ, որ նա վերցրեց հրացանը և, ականջն աղմուկին, դուրս եկավ։ Արևի շողերի տակ կանգնեց ճանապարհին։ Գործած գլխարկը թեքվել էր, արևն ընկել էր մազակալած դեմքին, որովհետև հայացքը բարձրացրել էր երկինք, դեպի ռմբակոծող ինքնաթիռները։
 +
 +
Մառախուղն արդեն ցրվել էր, և Ռոբերտ Ջորդանը պարզ, որոշակի տեսնում էր նրան՝ արևի շողերի մեջ, ճանապարհին, հայացքը դեպի երկինք։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը զգաց, որ դժվարությամբ է շնչում, կրծքավանդակը կարծես երկաթյա լարով կապկված լիներ, արմունկներով ամուր հենված հատակին, զենքի բռնակի խորդուբորդության զգացողությունը մատների տակ, նա նշան բռնեց ուղիղ ժամապահի կրծքի կենտրոնին և կամաց քաշեց ձգանը։
 +
 +
Զենքը հետընթաց հատու և թեթև մղումով հարվածեց ուսին, իսկ ճանապարհին կանգնած մարդը, շվար ու վիրավոր, ընկավ ծնկների վրա, հետո ճակատով խփվեց հատակին։ Հրացանն ընկավ կողքին, մատը մնաց ձգանի վրա, բազուկը շուռ եկավ։ Բերանքսիվայր ճանապարհին ընկած մարդուց Ռոբերտ Ջորդանը հայացքը տեղափոխեց դեպի կամուրջ, դեպի հեռավոր ծայրի խցիկը։ Մյուս ժամապահը չէր երևում, և նա հայացքը սարալանջով տարավ ցած, այնտեղ, ուր Ագուստինն էր դարան մտել։ Հետո լսեց Անսելմոյի կրակոցը, որն արձագանքվեց անդունդում։ Լսեց և երկրորդ կրակոցը։
 +
 +
Դրանից հետո կամրջի ներքևի ոլորանի կողմից նռնակների պայթյուններ լսվեցին։ Այնուհետև դարձյալ պայթյուններ եղան, բայց արդեն ձախ կողմում։ Քիչ անց ներքևից կրակոցներ լսեց, Պաբլոյի ավտոմատի տըկ֊տըկ֊տըկ տկտկոցն էր, որ հասնում էր նռնակների որոտի միջով։ Երևաց Անսելմոն, նա գայթելով վազում էր սարալանջն ի վար՝ դեպի կամրջի հեռավոր ծայրը։ Ռոբերտ Ջորդանը վեր կացավ, ավտոմատը դրեց ուսին, ծառաբնի ետևից վերցրեց ուսապարկերը, որոնց ծանրությունից թվում էր, թե ուսերի ջլերը ուր որ է կպոկվեն, և թեք սարալանջով օրորվելով վազեց ներքև։
 +
 +
Վազելիս լսեց, որ Ագուստինը «Buena caza, Ingles, buena kaza» է գոռում։ «Հաջող որս, ինչո՞ւ չէ, գրողը տանի, հաջող որս», ասաց ինքն իրեն, և այդ պահին կամրջի հեռավոր ծայրից լսեց Անսելմոյի կրակոցի ձայնը, որ զնգզնգաց պողպատյա ձողակառույցում։ Ուսապարկերի ծանրության տակ օրորվելով շրջանցեց ճանապարհին ընկած ժամապահի մարմինը և վազեց դեպի կամուրջը։
 +
 +
Ծերունին, հրացանը ձեռքին, վազում էր իրեն ընդառաջ։ «sin novedad», գոռաց նա։ «Ոչինչ չի պատահել։ Tuve que rematarlo: Ստիպված էի վերջ տալու նրան»։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը չոքեց կամրջի կենտրոնում, բաց արեց ուսապարկերն ու սկսեց իրերը հանել, երբ նայեց Անսելմոյին, տեսավ, որ նրա այտերի վրայով արցունքների կաթիլները իջնում են սպիտակած մորուքի մեջ։
 +
 +
― Yo mate un tambien, ― ասաց Անսելմոյին։ ― Ես էլ մեկին սպանեցի, ― և գլխով ցույց տվեց ճանապարհին ընկած ժամապահի կծիկ դարձած դիակը։
 +
 +
― Այո՛, բարեկամս, այո՛, ― ասաց Անսելմոն։ ― Ստիպված ենք սպանելու և սպանում ենք։
 +
 +
Կամրջի ձողակառույցով Ռոբերտ Ջորդանն սկսեց իջնել։ Մետաղը սառն էր, ձեռքերը թրջվում էին ցողից, ստիպված էր զգույշ իջնել։ Ոտքերին հենակետեր որոնելով՝ իջնում էր նա ու զգում էր, թե ինչպես է արևը ջերմացնում մեջքը, լսում էր ներքևից եկող գետակի ձայնը և վերևի պահակակետից հասնող ուժեղ կրակոցները։ Լավ քրտնել էր, իսկ կամրջի տակը ցուրտ էր։ Մի ձեռքով լարի կծիկն էր բռնել, մյուս բազուկին աքցանն էր կապված։
 +
 +
― Պայթուցիկ տուր, viejo, ամեն ուզելիս մի տուփ, ― ասաց Անսելմոյին։ Ծերունին բազիրքի վրայով ցած կախվեց ու ամեն ուզելիս պայթուցիկի երկարավուն մի քառակողիկ էր տալիս, իսկ Ռոբերտ Ջորդանը տեղադրում էր ու ամրացնում։ ― Սեպերը, ծերո՛ւկ։ Սեպ տուր։ ― Շնչելով նորատաշ փայտի բույրը՝ սեպերը մխում էր քառակողիկների ու մետաղյա ձողերի արանքը, որպեսզի չշարժվեն։
 +
 +
Հիմա նա տարված էր իր գործով, ուղեղում միայն պայթեցումն էր, տեղադրում էր պայթուցիկները, սեպերը մխում, լարերով պինդ կապկպում, գործում էր արագ, հմտորեն, վիրաբույժի պես։ Ճանապարհի ներքևի մասից կրակրոցներ լսեց։ Հետո նռնակի պայթյուն, դարձյալ պայթյուն, որը խլացրեց գետակի աղմուկը, և այլևս ոչինչ չլսվեց այդ կողմից։ Գրողը տանի, մտածեց նա։ Տեսնես այդ ի՞նչ եղավ դրանց։
 +
 +
Վերևի պահակակետում կրակոցները դեռ շարունակվում էին։ Ինչո՞ւ այդ գրողի տարած կրակոցներն այդքան երկար տևեցին, մտածեց նա կողք֊կողքի դրված երկու նռնակ կապելով իրար։ Նռնակները դրեց պայթուցիկների քառակողիկների վրա, լարերով կապեց, որպեսզի չշարժվեն ու ընկնեն, լարերը աքցանով ոլորեց, ձգեց, հետո ստուգեց ամրությունը, և որպեսզի ավելի հուսալի լինի, մի սեպ էլ մխեց պողպատյա ձողի ու պայթուցիկի արանքը։
 +
 +
― Հիմա մյուս կողմը, vijeo, ― գոռաց Անսելմոյին ու ձողի արանքներով անցավ կամրջի մյուս երեսը։ Իսկական Տարզան, պողպատի անտառում, մտածեց նա, և, դուրս հանելով գլուխը, տեսավ պայթուցիկը ձեռքին կռացած Անսելմոյի դեմքը։ Գրողը տանի, ինչ լավ դեմք ունի, մտածեց նա։ Արդեն չի լալիս։ Լավ է, լավ։ Մի կողմն արեցինք։ Այս կողմն էլ հիմա կանենք։ Այնպես օդ բարձրանա, քար֊քարի վրա չմնա։ Դե գործի՛ր։ Մի ոգևետվի՛ր։ Գործդ արա։ Մաքուր և արագ, ոնց որ այն երեսը։ Մի՛ հապաղիր։ Ոչ էլ աճապարիր։ Մի՛ ջանա չափից ավելի արագ անել։ Ամենից կարևորն արդեն արված է։ Մի կողմը երբ էլ ուզես կարող ես պայթեցնել։ Գործդ առաջ է գնում։ Բայց լավ ցուրտ է այստեղ, աստված վկա, ոնց որ գինու մառանում, մաքուր է, ոչ մի կեղտ։ Քարե կամուրջների տակ քայլ չես կարող գցել, միշտ լիքը կղանք է։ Սա երազ֊կամուրջ է։ Չէ մի։ Երազ գտար։ Ծերունու վիճակը վերևում ավելի վատ է, քան իմն այստեղ։ Չաճապարես։ Կարծում եմ, որ կրակոցները շուտով կդադարեն։ «Սեպ տուր,viejo: Չէ, լավ չէ, որ կրակոցները շարունակվում են։ Երևում է Պիլարը դժվարության է հանդիպել։ Հավանաբար ժամապահներից մեկնումեկը դրսում է եղել։ Կամ ճանապարհի վրա, կամ էլ սղոցարանի ետևը։ Տակավին շարունակում են կրակել։ Նշանակում է սղոցարանում դեռևս մարդ կա։ Այդ անիծյալ փայտաթեփն է պատճառը։ Փայտաթեփի այդ հսկայական դեզերն են։ Կարելի է լավ դիրք մտնել դրանց ետևը և հրաշալի պաշտպանվել։ Երևում է, որ դեռ մի քանի հոգի մնացել են։ Պաբլոյի կողմը լուռ է։ Տեսնես այն կրակոցներն ինչ էին, այն, որ երկրորդ անգամ լսեցի։ Երևի մեքենա է անցել կամ մոտոցիկլ։ Աստված չանի, որ հիմա զրահապատ մեքենա կամ տանկ գա։ Գործդ արա։ Արա ինչքան կարող ես արագ, տեղադրիր, սեպերով ամրացրու, կապկպիր, արագ շարժվիր։ Դողում ես ոնց որ կնիկ։ Գրողը տանի, ի՞նչ է պատահել քեզ։ Ասացի չաճապարես։ Գրազ կգամ, որ այդ անիծյալ կինը չի դողում հիմա, այնտեղ, վերևում։ Այդ Պիլարը։ Գուցե նա էլ, հա՞։ Կրակոցներից այնպես է երևում, որ վիճակը ծանր է։ Եթե այսպես շարունակվի, նա էլ կդողա։ Ինչպես ամեն մի հողածին։
 +
 +
Ձգվեց, գլուխը հանեց կամրջի ստվերի տակից և ձեռքն երկարեց, որպեսզի վերցնի Անսելմոյի տվածը, ու գետակի աղմուկը միանգամից թուլացավ, կրակոցների ձայնն ավելի ուժգնացավ, հետո նռնակների պայթյուններ լսվեցին։ Նորից։ Դարձյալ։
 +
 +
― Սա նշանակում է, որ ներխուժեցին սղոցարան։
 +
 +
Ինչ լավ է, որ քառակողիկ պայթուցիկներ եմ բերել և ոչ թե ձողիկներ, մտածեց նա։ Գրողը տանի, ի՞նչ տարբերություն։ Դե սրանք ավելի հարմար են։ Թեև եթե այն դոնդողանման անպետքությունը լիներ, պարկերի մեջ լցված, ավելի արագ կարելի էր անել ամեն ինչ։ Երկու պարկ։ Չէ։ Մեկն էլ բավական էր։ Մեկ էլ դետոնատորներ լինեին և իմ մաշված պայթուցիչը։ Այդ պոռնիկի ծնունդը պայթուցիչս գցել է գետը։ Արկղն էլ, մնացած իրերն էլ։ Ա՛յ այս գետը։ Այդ պոռնիկի ծնունդ Պաբլոն։ Հիմա ներքևի պահակակետի ֆաշիստներին դժոխքի ծոցն է ուղարկել արդեն։
 +
 +
― Դրանցից մի քանի հատ էլ տուր։
 +
 +
Ծերուկը լավ է գործ անում։ Վերևում նա հիմա ոչինչ, վատ չէ։ Իր կամքին հակառակ սպանեց ժամապահին։ Ես նույնպես։ Բայց դա իմ ուղեղը չէր զբաղեցնում։ Ոչ էլ հիմա եմ դրա մասին մտածում։ Այսպես է, պիտի սպանես։ Բայց գիտես, չէ՞, որ Անսելմոյի ձեռքին հրացան էր։ Այո՛, գիտեմ, թե ինչ բան է հրացանը։ Ավտոմատով մարդ սպանելը ավելի հեշտ է։ Հեշտ որ ասում եմ, սպանողին նկատի ունեմ։ Ավտոմատը ուրիշ է։ Դու միայն ձգանին ես դիպչում, մնացածը ինքն է անում։ Ոչ թե դու։ Այդ գյուտդ լավ պահիր, մի օր կզարգացնես։ Ա՛յ, թե գլուխ է։ Այս ի՜նչ հիանալի, խորհող գլուխ ունես, ծերուկ Ջորդա՛ն։ Գլորի՛ր, Հորդանա՛ն։ Գլորի՛ր։ Այդպես էին դպրոցում ձայնարկում, երբ ֆուտբոլի ժամանակ դու գլորելով տանում էիր գնդակը։ Բայց դու գիտե՞ս, որ այդ գրողի տարած Հորդանանը այս ցածի գետակից այնքան էլ մեծ չէ։ Դու երևի նկատի ունես վերին հոսանքը, ակունքի մոտ։ Ակունքի մոտ ամեն ինչ այդպես է։ Բայց ինչ լավ է այստեղ, կամրջի տակ։ Շատ լավ է։ Ոնց որ տանը լինես, թեև տանը չես։ Դե՛, Հորդանա՛ն, քեզ հավաքի՛ր։ Վիճակը լուրջ է, Հորդանա՛ն։ Չե՞ս հասկանում։ Ասում եմ լուրջ է։ Հիմա արդեն քիչ մնաց։ Նայիր մյուս կողմը։ Para que?<ref>Ինչի՞ համար (իսպ․):</ref> Հիմա արդեն ինչ էլ լինի, կամուրջը պայթելու է։ Ինչ նվագեմ, այն էլ պարելու է։ Ոնց Մեյնը, այնպես էլ մյուս նահանգները։ Ոնց Հորդանանը, այնպես էլ իսրայելցիները։ Այսինքն կամուրջը։ Ջորդանը դուրս կգա, կամուրջը կգնա։
 +
 +
― Մի քանի հատ էլ տուր Անսելմո՛, իմ լավ բարեկամ, ― ասաց նա։ Ծերունին գլխով արեց։ Վերջացնում եմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Ծերունին դարձյալ գլխով արեց։
 +
 +
Նռնակները լարերով կապում էր և արդեն ճանապարհի վերևից եկող կրակոցների ձայները չէր լսում։ Հանկարծ զգաց, որ ականջների մեջ միայն գետակի աղմուկն է։ Ցած նայեց և տեսավ քարերին զարկվող սպիտակափրփուր ջրերը, որոնք հոսում էին, լցվում փոքրիկ, ջինջ լճակը, որտեղ իր ձեռքից ընկած փայտե սեպը շրջանակներ էր գծում։ Մեկ էլ սեպի կողքին երևաց մի կարմրախայտ, որն ինչ֊որ միջատ էր որսում։ Երբ աքցանով նռնակների շուրջը փաթաթած լարն էր ձգում, կամրջի մետաղաձողերի արանքով հայացքն ընկավ արևով ողողված կանաչ սարալանջերին։ Երեք օր առաջ շագանակագույն էին, մտածեց նա։
 +
 +
Կամրջի տակի ցուրտ խավարից գլուխն հանեց, ձգվեց արևի շողերի մեջ ու գոռաց կռացած Անսելմոյին․
 +
 +
― Մեծ կծիկով լարը տուր։ ― Ծերունին տվեց կծիկը։
 +
 +
Միայն թե, աստված կսիրես, զգույշ, ժամանակից շուտ չձգես, թե չէ կպոկես օղակը։ Ափսոս հնարավոր չէ լարը ուղիղ քաշել։ Բայց ոչինչ, երկար է, մտածեց Ռոբերտ Ջորդանը, երբ մատներով ստուգում էր նռնակների լծակներին միացված օղակների պահանակները։ Նա նայեց, թե արդյոք պահանակը ձգելիս անհրաժեշտ չափով տարածություն ազատվում է նռնակների լծակների համար (ամրացնող լարը լծակների տակով էր անցնում), հետ կծիկի լարի ծայրը կապեց օղակներից մեկին, միացրեց երկրորդ նռնակի օղակից ձգված գլխավոր լարին, կծիկը մի փոքր  ետ տվեց, անցկացրեց պողպատյա ձողից այն կողմ ու երկարեց Անսելմոյին։
 +
 +
― Բռնի՛ր։ Զգո՛ւյշ, ― ասաց նա։
 +
 +
Բարձրացավ, կծիկն առավ ծերունու ձեռքից ու, կծիկը բացելով, ինչքան կարող էր արագ գնաց դեպի սպանված ժամապահի կողմը։ Քայլում էր կամրջի բազիրքի վրա կռացած ու կծիկը անընդհատ ետ էր տալիս։
 +
 +
― Ուսապարկերը բեր, ― ասաց Անսելմոյին ու ետ֊ետ գնալիս մի պահ կանգ առավ, վերցրեց ավտոմատն ու գցեց ուսին։
 +
 +
Այդ պահին էլ նկատեց վերևի պահակակետից վերադարձողներին։
 +
 +
Չորս հոգի էին։ Ուշադրությունը վերստին բևեռեց լարին, որպեսզի չոլորվի կամ չասռի կամրջի դուրս եկած մասերին։ Էլադիոն չկար վերադարձողների մեջ։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը լարը քաշեց բերեց մինչև կամրջի ծայրը, վերջին հենաձողի վրա մի օղակ տվեց ու վազեց֊գնաց հասավ ճամփեզրի սպիտակ ներկված քարին։ Լարը կտրեց ու ծայրը տվեց Անսեմոյին։
 +
 +
― Պահի՛ր, viejo, ― ասաց։ ― Հիմա լարը կծկելով արի իմ ետևից։ Չէ՛։ Տո՛ւր, ես կանեմ։
 +
 +
Կամրջի ծայրին հենաձողի վրա արած օղակը բացեց։ Լարը հիմա ուղիղ և անարգել ձգվում էր մինչև նռնակներին միացված օղակը։ Լարը տվեց Անսելմոյին։
 +
 +
― Հիմա գնա մինչև այն վերևի քարը, ― ասաց նրան։ ― Ամուր պահիր, բայց չձգես։ Եթե շատ ուժեղ ձգես, կամուրջը կպայթի։ Comprendes?<ref>Հասկանո՞ւմ ես (իսպ․)</ref?
 +
 +
― Այո։
 +
 +
― Իսկ երբ ձգելու պահը գա, ձգիր, ոնց որ պետք է։ Մի՛ քաշքշիր։
 +
 +
Խոսելիս Ռոբերտ Ջորդանը նայում էր ճանապարհին, որտեղով գալիս էին Պիլարի խմբից ողջ մնացածները։ Մոտիկ էին արդեն, և նա տեսավ, որ Պրիմիտիվոն ու գնչուն երկու կողքերից գրկած բերում են Ֆերնանդոյին։ Ըստ երևույթին որովայնից էր վիրավորվել, որովհետև ձեռքը դրել էր փորի վրա։ Աջ ոտքը քարշ էր տալիս, կոշիկը քերում էր ճանապարհի երեսի փոշին։ Պիլարը, երեք հրացան ուսին, զառիթափով բարձրանում էր անտառ։ Ջորդանը նրա դեմքը չէր տեսնում, բայց տեսնում էր, որ նա գլուխը բարձր պահած և ինչքան կարող է արագ բարձրանում է։
 +
 +
― Ո՞նց եք, ― ձայն տվեց Պրիմիտիվոն։
 +
 +
― Լավ։ Վերջացնում ենք, ― պատասխանեց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
Հարկ չկար հարցնելու, թե նրանք ոնց են։ Երբ նորից ետ նայեց, նրանք երեքով կանգնած էին ճափեզրին, և Ֆերնանդոն գլուխը թափ էր տալիս, չէր ուզում բարձրանալ։
 +
 +
― Թողե՛ք այստեղ։ Մի հրացան տվե՛ք ու գնացե՛ք, ― լսեց Ռոբերտ Ջորդանը նրա հեղձուկ ձայնը։
 +
 +
― Չէ՛, hombre: Մենք քեզ կտանենք վերև, ձիերի մոտ։
 +
 +
― Ի՞նչ եմ անելու ձիերի մոտ, ― ասաց Ֆերնանդոն։ ― Այստեղ լավ է։ ― Խոսակցության շարունակությունը Ռոբերտ Ջորդանը չլսեց, որովհետև Անսելմոյի հետ էր խոսում։
 +
 +
― Եթե տանկեր գան, պայթեցրո՛ւ, ― ասում էր նա։ ― Բայց սպասիր այնքան, մինչև որ կամրջի վրա կլինեն։ Ուրիշ ինչ էլ գա, թող Պաբլոյին։
 +
 +
― Քանի կամրջի տակից դուրս չես եկել, չեմ պայթեցնի։
 +
 +
― Դու ինձ մի՛ նայիր։ Եթե անհրաժեշտ լինի, պայթեցրո՛ւ։ Հիմա ես մյուս լարն էլ կմիացնեմ ու կվերադառնամ։ Այն ժամանակ արդեն երկուսով միասին կպայթեցնենք։
 +
 +
Նա վազեց դեպի կամրջի կենտրոնը։
 +
 +
Անսելմոն նայում էր Ռոբերտ Ջորդանին, որը մի ձեռքին լարի կծիկը բռնած, մյուս բազուկից տափաքցանը կախված և ավտոմատը ուսին վազում էր։ Տեսավ, թե ինչպես ձողերից կառչելով նա սկսեց իջնել ու հետո կորավ տեսադաշտից։
 +
 +
Անսելմոն լարի ծայրը պահել էր աջ ձեռքին, չոքել էր քարի ետևը ու նայում էր ճանապարհին, կամրջին։ Կամրջի և իր արանքում ժամապահի դիակն էր, արևն ընկել էր նրա մեջքին, և նա կարծես կպել էր ճանապարհի հարթ մակերեսին։ Հրացանն ընկած էր կողքին՝ սվինի սուր սայրն ուղղված իրեն՝ Անսելմոյին։ Ծերունին հայացքը շրջեց դեպի կամրջի հարթ, եզերող ճաղերի ստվերներով կտրատված հատակը, ապա այնտեղ, ուր ճանապարհն անդունդի եզրով գնում, թեքվում է ձախ և անցնում ապառաժուտ քարափի ետևը։ Նա նայեց կամրջի հեռավոր ծայրին արևի տակ կանգնած խցիկին, հետո, առանց մոռանալու, թե ինչու է պահել լարը, շրջվեց Ֆերնանդոյի, Պրիմիտիվոյի ու գնչուի կողմը։
 +
 +
― Թողե՛ք ինձ այստեղ, ― ասում էր Ֆերնանդոն։ ― Շատ է ցավում, ներքին արյունահոսություն է։ Զգում եմ շարժվելիս։
 +
 +
― Թո՛ղ տանենք, տանենք վերև, անտառ, ― ասում էր Պրիմիտիվոն։ ― Դու թևերդ գցիր մեր ուսերին, իսկ մենք ոտքերդ կպահենք։
 +
 +
― Անոօգուտ է, ― ասում էր Ֆերնանդոն։ ― Այստեղ մի քարի ետև դրե՛ք ինձ ու գնացե՛ք։ Ես այստեղ ավելի օգտակար կլինեմ, քան վերևում։
 +
 +
― Իսկ եթե մեկնելու լինե՞նք, ― ասում էր Պրիմիտիվոն։
 +
 +
― Թողե՛ք այստեղ, ― ասում էր Ֆերնանդոն։ ― Սրանով էլ ի՞նչ մեկնել։ Ավելորդ տեղը ձի զբաղեցնել։ Այստեղ շատ լավ է։ Հիմա ուր որ է, կգան։
 +
 +
― Մենք կարող ենք քեզ վերև տանել, ― ասում էր գնչուն։ ― Դժվար չէ։
 +
 +
Բնական է, գնչուն շտապում էր, շտապում էր և Պրիմիտիվոն, բայց, այդուհանդերձ, նրանք Ֆերնանդոյին բերել էին, չէին թողել։
 +
 +
― Չէ՛, ― ասում էր Ֆերնանդոն։ ― Կմնամ։ Այստեղ լավ է։ Էլադիոն ի՞նչ եղավ։
 +
 +
Գնչուն մատը տարավ գլխին, ցույց տալու, թե որ մասում է եղել վերքը։
 +
 +
― Այստեղ, ― ասաց նա։ ― Քեզանից հետո։ Երբ ներխուժեցինք։
 +
 +
― Գնացե՛ք, ― ասաց Ֆերնանդոն։ Անսելմոն տեսնում էր, որ նա շատ է տանջվում։ Հիմա երկու ձեռքերը դրել էր որովայնին, գլուխը գցել էր ետ՝ ճամփեզրի թմբին, ոտները մեկնել էր առաջ։ Դեմքը գորշ գույն էր ստացել և քրտինքով էր պատվել։
 +
 +
― Թողե՛ք ինձ, խնդրում եմ, շնորհ արե՛ք, ― ասաց նա։ Աչքերը ցավից փակվել էին, շրթունքները թրթռում էին։ ― Ես այստեղ շատ լավ եմ։
 +
 +
― Ահա քեզ հրացան ու փամփուշտներ, ― ասաց Պրիմիտիվոն։
 +
 +
― Ի՞մն է, ― աչքերը փակ հարցրեց Ֆերնանդոն։
 +
 +
― Չէ, քոնը Պիլարի մոտ է, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Սա իմն է։
 +
 +
― Իմը կնախընտրեի, ― ասաց Ֆերնանդոն։ ― Սովոր եմ նրան։
 +
 +
― Կբերեմ, ― ասաց գնչուն։ ― Առայժմ սա թող մնա։
 +
 +
― Այստեղ հարմար է, ― ասաց Ֆերնանդոն։ ― Կամուրջն էլ աչքի առաջ, ճանապարհն էլ։ ― Աչքերը բացեց, նայեց կամրջին, հետո, երբ ցավը սաստկացավ, նորից փակեց։
 +
 +
Գնչուն ձեռքը խփեց իր գլխին ու բութ մատով նշան արեց Պրիմիտիվոյին, որ գնան։
 +
 +
― Մենք կվերադառնանք, ― ասաց Պրիմիտիվոն Ֆերնանդոյին և գնաց գնչուի ետևից, որն արագ բարձրանում էր զառիթափով։
 +
 +
Ֆերնանդոն պառկել էր ճամփեզրի սպիտակ ներկված մի քարի ետևը և գլուխը դրել թմբին։ Ոտքերը, որովայնի վիրակապված վերքին սեղմված ձեռքերը արևի տակ էին։ Գլուխը ստվերում էր։ Հրացանը դրված էր կողքին։ Երեք պահունակ փամփուշտ պսպղում էին արևի շողերի տակ։ Ձեռքի վրայով մի ճանճ էր քայլում, բայց վերքի ուժեղ ցավից ճանճի կծոցը չէր զգում։
 +
 +
― Ֆերնանդո, չոքած տեղից գոռաց Անսելմոն։ Նա լարի ծայրը օղակ էր արել ու գցել բազուկին։
 +
 +
― Ֆերնանդո, ― գոռաց երկրորդ անգամ։
 +
 +
Ֆերնանդոն աչքերը բացեց ու նայեց նրան։
 +
 +
― Ո՞նց են գործերը, ― հարցրեց Ֆերնանդոն։
 +
 +
― Շատ լավ, ― ասաց Անսելմոն։ ― Շուտով, մի քանի րոպեից կպայթեցնենք։
 +
 +
― Ուրախ եմ։ Եթե որևէ կարիք ունեք, ասա՛, ― ասաց Ֆերնանդոն և սաստկացող ցավից նորից փակեց աչքերը։
 +
 +
Անսելմոն գլուխը շրջեց ու նայեց կամրջի կողմը։
 +
 +
Ամսելմոն նայում էր, թե երբ կամրջի տակից դուրս կցցվի լարի կծիկը, հետո կերևա արևառ մազերով ու դեմքով Ingles֊ը, որ կձգվի ու իրեն կգցի կամրջի վրա։ Միաժամանակ նայում էր կամրջի մյուս ծայրին, արդյոք որևէ բան չի՞ գալիս։ Նա հիմա բոլորովին չէր վախենում, և այս ամբողջ օրը վախը ոչ մի անգամ վախ չէր զգացել։ Այնքան արագ ու բնական է լինում ամեն ինչ, մտածեց նա։ Ժամապահին ես չէի ուզում սպանել և տանջվում էի, բայց դա էլ արդեն անցավ։ Ո՞նց էր Ingles֊ն ասում, որ մարդ խփել, թե կենդանի՝ նույն բանն է։ Ես երբ որս էի անում, տրամադրությունս բարձրանում էր, ինձ մեղավոր չէի զգում։ Բայց երբ մարդ ես սպանում, նույն զգացողությունն ես ունենում, ինչ հասուն տարիքում եղբորդ խփելիս։ Բա որ ստիպված ես լինում մի քանի անգամ կրակելո՞ւ, որպեսզի սպանես։ Չէ՛, լավ է դրա մասին չմտածես։ Շատ ես տանջվում։ Ո՞նց էիր կնկա նման լաց լինելով վազում կամրջի երկայնքով։
 +
 +
Հիմա արդեն արել ես, վե՛րջ, թողության մասին հետո կմտածես, և՛ սրա համար, և՛ մյուս մեղքերիդ։ Իսկ ինչ վերաբերվում է հիմիկվան, ապա քեզ տրվել է այն, ինչ խնդրում էիր երեկ երեկոյան սարալանջով տուն վերադառնալիս։ Կռիվ է, էլ ուրիշ բանի մասին մի՛ մտածիր։ Հիմա եթե մեռնեմ էլ՝ ոչինչ։
 +
 +
Նա նայեց Ֆերնանդոյին, որը պառկել էր ճամփեզրին՝ ձեռքերը փորին, շրթունքները կապտած, աչքերը փակ։ Նա հեևում էր։ Եթե մեռնելու լինեմ, մտածեց Անսելմոն, թող լինի միանգամից։ Ուրիշ ոչինչ չեմ խնդրում, ո՛չ։ Միայն այդքան, միայն այդ։ Հասկանո՞ւմ ես։ Ուրիշ ոչինչ, ոչինչ և ոչ մի կերպ։ Տո՛ւր, ինչ խնդրում եմ, և այնուհետև վարվի՛ր, ինչպես որ հարմար ես գտնում։
 +
 +
Նա ականջ դրեց հեռու կիրճից եկող մարտի ձայներին և ասաց ինքն իրեն՝ այս օրն իսկապես նշանավոր է։ Ես այս օրը պետք է կարողանամ հասկանալ ու պատկերացնել։
 +
 +
Բայց սիրտն այլևս չէր ելնում, չէր թրթռում։ Ամեն ինչ անցել էր, ու մի հանգստություն էր իջել։ Հիմա, երբ լարի օղակած ծայրը հագցրել էր բազկին ու ձեռքով ամուր պահած չոքել էր ճամփեզրի քարի ետևը, նա իրեն մենակ չէր զգում, չուներ մենակության ոչ մի զգացում։ Նա դարձել էր մի ամբողջություն իր ձեռքի լարի, կամրջի և Ingles֊ի հետ, որը տակավին աշխատում էր կամրջի տակ, մի ամբողջություն տեղի ունեցող մարտերի հետ, Հանրապետության հետ։
 +
 +
Ո՛չ մի հուզմունք։ Չորսբոլորը հանգիստ էր, արևն ընկել էր վզին և ուսերին, և երբ չոքած տեղից գլուխը բարձրացրեց ու նայեց վերև՝ անամպ երկնքին, հետո գետակի մյուս ափին բարձրացած լեռների լանջերին, տխրություն իջավ վրան, բայց մենակություն չզգաց, ոչ էլ վախ։
 +
 +
Սարալանջին, պառկած մի ծառի ետև, Պիլարը հսկում էր կիրճից ձգվող ճանապարհին։ Լիցքավորված երեք հրացան կար մոտը, մեկը մեկնեց Պրիմիտիվոյին, հենց որ նա վեր ընկավ կողքը։
 +
 +
― Գնա՛ այնտեղ, այն ծառի ետևը, ― ասաց նրան։ ― Գնչո՛ւ, դու էլ ա՛յ, այնտեղ, ― մատնացույց արեց մի ուրիշ ծառ ներքևում։ ― Մահացա՞վ։
 +
 +
― Չէ՛, դեռ ոչ, ― ասաց Պրիմիտիվոն։
 +
 +
― Բախտներս չբերեց, ― ասաց Պիլարը։ ― Երկու հոգի էլ ունենայինք, այդ բանը չէր պատահի։ Ախր պիտի սողալով անցներ թեփի կույտի ետևը։ Այնտեղ ո՞նց է, հարմա՞ր է տեղը։
 +
 +
Պրիմիտիվոն գլխով արեց։
 +
 +
― Ingles֊ը որ կամուրջը պայթեցնի, կտորներն այստեղ չե՞ն հասնի, ― հարցրեց գնչուն ծառի ետևից։
 +
 +
― Չգիտեմ, ― ասաց Պիլարը։ ― Բայց Ագուստինի գնդացիրը շատ ավելի մոտ է, քան դու։ Եթե հասնելու լինեին, Ingles֊ը նրան այդքան մոտ չէր նստեցնի։
 +
 +
― Բայց ես հիշում եմ, որ գնացքը պայթեցնելիս շոգեքարշի լամպը գլխիս վրայով անցավ, իսկ կտորները ծիծեռնակների նման թռչում էին կողքովս։
 +
 +
― Ի՜նչ բանաստեղծական հիշողություններ ունես, ― ասաց Պիլարը։ ― Ծիծեռնակների նման։ Joder! Ասա եռման կաթսայի։ Լսի՛ր, գնչո՛ւ, դու քեզ այսօր լավ ես պահել։ Արի այնպես մի արա, որ վախին գերի մնաս։
 +
 +
― Լավ, լավ, հարցրեցի՝ իմանամ, եթե հասնելու են, թաքնվեմ ծառի ետևը, ― ասաց գնչուն։
 +
 +
― Ոնց որ կաս, այդպես էլ մնա, ― ասաց Պիլարը։ ― Քանի՞ հոգի սպանեցինք այսօր։
 +
 +
― Դե, հինգը՝ մենք։ Երկուսն էլ այստեղ։ Մեկն այնտեղ է։ Տեսնո՞ւմ ես, կամրջի մյուս ծայրին։ Խցիկի մոտ։ Նայի՛ր։ Տեսա՞ր։ ― Մատով ցույց տվեց։ ― Ութն էլ ներքևը, Պաբլոյի մոտ։ Ես այնտեղ հետախուզության եմ եղել, Ingles֊ն էր ուղարկել։
 +
 +
Պիլարն ինչ֊որ բան մռթմռթաց, հետո կատաղած ասաց․
 +
 +
― Այդ Ingles֊ն ի՞նչ է անում։ Ի՞նչ է համը հանում այդ կամրջի տակ։ Կամուրջ շինելո՞ւ է գնացել, թե՞ քանդելու։ Vaya mandanga.<ref>Հայհոյանք (իսպ․)։</ref>
 +
 +
Գլուխը բարձրացրեց ու նայեց քարի ետևը չոքած Անսելմոյին։
 +
 +
― Հե՛յ, vijeo, ― գոռաց։ ― Քո այդ կեղտոտ Ingles֊ն ո՞ւր մնաց։
 +
 +
― Համբերի՛ր, կի՛ն, ― պատասխանեց Անսելմոն՝ լարը զգույշ և ամուր պահած ձեռքում։ ― Վերջացնում է։
 +
 +
― Բայց ինչո՞ւ, ասա, ի սեր ամենավերջին պոռնիկի, ասա, ինչո՞ւ է ձգձգում։
 +
 +
― Es muy concienzudo,<ref>Շատ բարեխիղճ է (իսպ․):</ref> ― գոռաց Անսելմոն։ ― Դա գիտական գործ է։
 +
 +
― Ես քո այդ գիտության կաթը, ― կատաղեց Պիլարը որպես իսկական գնչու։ ― Այդ կեղտոտ մռութը թող շուտ պայթեցնի, պրծնենք։ Մարիա՜, ― գոռաց իր խռպոտ ձայնով՝ շրջվելով դեպի վեր՝ անտառի կողմը։ ― Քո Ingles֊ը․․․ ― Եվ ամենակեղտոտ հայհոյանքների մի տարափ տեղաց Ջորդանի և կամրջի տակ նրա ենթադրյալ գործունեության հասցեին։
 +
 +
― Հանգստացի՛ր, կի՛ն, ― գոռաց Անսելմոն ճանապարհից։ ― Գիտե՞ս ինչ հսկայական աշխատանք է անում։ Հիմա, ուր որ է կվերջացնի։
 +
 +
― Գրողը դրան, ― մոլեգնում էր Պիլարը։ ― Թող արագ վերջացնի, դա է կարևոր։
 +
 +
Հենց այդ պահին Պաբլոյի գնացած կողմից կրակոցներ լսվեցին։ Պիլարը դադարեցրեց հայհոյանքներն ու ականջ դրեց։
 +
 +
― Ա՛յ, ― ասաց նա։ ― Ա՛յ։ Ա՛յ, ասում էի։ Ահա՛։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը լսեց կրակոցները, երբ մի ձեռքով բարձրացրել էր կծիկը և ձգվում էր վերև։ Ծնկերն արդեն դրել էր կամրջի երկաթյա եզրին և ձեռքով կառչել էր ճաղերից, երբ լսեց գնդացրի կրակոցները։ Դա Պաբլոյի ավտոմատի ձայնը չէր։ Կանգնեց, անցավ ճաղերի վրայով և կծիկն արագ ետ տալով՝ կամրջի բազիրքի երկայնքով գնաց դեպի ճանապարհը։
 +
 +
Լսում էր կրակոցները և քայլում, ամեն կրակոցի հետ զգում էր, թե ինչպես է կծկվում ստամոքսը, ինչպես է ձգվում ստոծանին։ Կրակոցները մոտենում էին, քայլելիս նայեց ետ, ճանապարհին, ոլորանի վրամ ո՛չ մեքենաներ էին երևում, ո՛չ տանկ, ո՛չ էլ մարդիկ։ Տարածության կեսը կտրել էր, իսկ ճանապարհը մաքուր էր տակավին։ Մաքուր էր, երբ կտրել էր տարածության երեք քառորդը։ Մաքուր էր, երբ լարը զգուշությամբ, որպեսզի որևէ բանի չասռի, անցնում էր ժամապահի խցիկի ետևով։ Ոտքը դրել էր ճանապարհին, և ներքևում ոչինչ չէր երևում տակավին, հետո սկսեց ճամփեզրի համարյա լցված առվակի երկայնքով ետ֊ետ գնալ, ինչպես եզրային խաղացողները, երբ ֆուտբոլի գնդակը երկար փոխանցումով ուղարկում են իրենց կողմը։ Լարը քիչ֊քիչ ձգելով հասել էր համարյա Անսելմոյին դիմացի քարին, իսկ ներքևում ճանապարհը մաքուր էր տակավին։
 +
 +
Հետո լսեց ճանապարհով ցած եկող բեռնատարի աղմուկը, ուսի վրայով նայեց, մեքենան սարալանջի կողքով իջնում էր, մի անգամ էլ լարը փաթաթեց ձեռքի վրա, «Պայթեցրու» գոռաց Անսելմոյին, կրունկները դեմ տվեց գետնին, մարմինը ետ գցեց, մի անգամ ևս լարը փաթաթեց ձեռքին ու ձգեց։ Վերևից լսվում էր բեռնատարի աղմուկը, դիմացը՝ ճանապարհին, ժամապահի դիակն էր ընկած, փոքր֊ինչ այն կողմ կամուրջն էր, ավելի հեռու՝ ճանապարհը, որտեղ ոչինչ չէր երևացել տակավին։ Հետո թնդյուն լսվեց, և կամրջի միջին հատվածը փշրվող ալիքի նման ծառացավ, և նա զգաց, թե ինչպես պայթյունից առաջացած քամին խփեց դեմքին, երբ գլուխը ձեռքերով ծածկված երեսնիվայր պառկեց առվակի մեջ։ Նա չտեսավ, թե ինչպես փուլ եկավ կամրջի ծառացած հատվածը, առավ միայն ծանոթ սուր հոտը, որ տարածվեց, և լսեց պողպատյա բեկորների տարափը։
 +
 +
Բեկորների տարափի դադարից հետո ողջ էր տակավին, բարձրացրեց գլուխը և նայեց կամրջին։ Միջին հատվածը փուլ էր եկել։ Պողպատյա ձողակառույցի ծռմռված ծայրերը փայլում էին, ճանապարհը ծածկված էր բեկորներով։ Մի հարյուր մետր վերև բեռնատարը կանգ էր առել։ Վարորդն ու երկու ուղեկիցները վազում էին դեպի ջրատարը։
 +
 +
Ֆերնանդոն դեռ պառկած էր ճանապարհի եզրին և դեռ շնչում էր։ Ձեռքերը թույլ ընկած էին կողքերին, մատները չռվել էին։
 +
 +
Անսելմոն երեսնիվայր պառկած էր ճամփեզրի սպիտակեցրած քարի ետևը։ Ձախ ձեռքը ծալված մնացել էր գլխի տակը։ Աջը ձգված էր առաջ։ Լարի օղակը աջ բազկին էր տակավին։ Ռոբերտ Ջորդանը վեր կացավ, անցավ ճանապարհը, չոքեց ծերունու կողքին և համոզվեց, որ մահացած է։ Չշրջեց նրան իմանալու համար, թե որ մասին է դիպել պողպատի բեկորը։ Մահացած էր, և վերջ։
 +
 +
Մահացած շատ փոքր է թվում, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Փոքր էր թվում և ալեհեր, տեսնես, մտածեց Ռոբերտ Ջորդանը, ո՞նց էր շալակած տանում այդ ծանր֊ծանր բեռները, եթե սա է նա իրականում։ Հետո նայեց նախրապանի նեղ շալվարի տակ ձգված նրա սրունքներին, ազդրերին, նայեց ոտքերի պարանե ներբանով կոշիկներին, հետո վերցրեց հրացանը, երկու դատարկ ուսապարկերը, գնաց Ֆերնանդոյի մոտ, վերցրեց նաև նրա հրացանը։ Քայլելիս քացով խփեց ճանապարհին ընկած պողպատյա մի բեկորի, հետո հրացանները գցեց ուսին ու, փողերից բռնած, սկսեց սարալանջով անտառ բարձրանալ։ Ետ չնայեց, ոչ էլ կամրջից այն կողմ՝ ճանապարհին։ Ներքևում, ճանապարհի ոլորանից դենը, հրաձգությունը տակավին շարունակվում էր, բայց նա այլևս ուշադրություն չդարձրեց դրան։
 +
 +
Տրինիտրոտոլուլի ծխից հազում էր, զգում էր, որ ամբողջ մարմինը ընդարմացել է։
 +
 +
Հրացաններից մեկը դրեց Պիլարի կողքին։ Կինը նայեց և տեսավ, որ կողքին վերստին երեք հրացան կա։
 +
― Շատ հեռու եք եկել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ճանապարհի վրա հիմա մի բեռնատար է կանգնած, բայց այստեղից չի երևում։ Նրանց թվաց, թե ինքնաթիռները ռմբակոծեցին։ Պետք է իջնել։ Ես գնում եմ Ագուստինի հետ Պաբլոյին ծածկելու։
 +
 +
― Իսկ ծերո՞ւկը, ― հարցրեց կինը՝ հայացքն ուղղած Ռոբերտ Ջորանի դեմքին։
 +
 +
― Սպանվեց։
 +
 +
Թոքերը բերանը գալով նորից հազաց և թքեց գետնին։
 +
 +
― Կամուրջդ պայթեցվեց, Ingles, ― ասաց Պիլարն ու նայեց նրան։ ― Մի՛ մոռացիր դա։
 +
 +
― Ես ոչ մի բան չեմ մոռանում, ― ասաց նա։ ― Հզոր ձայն ունես, ― ասաց Պիլարին։ ― Լսում էի ներքևում։ Դե հիմա Մարիային գոռա՛, որ ես ողջ֊առողջ եմ։
 +
 +
― Սղոցարանում երկու հոգի կորցրինք, ― ասաց Պիլարը, փորձելով նրան հասկացնել։
 +
 +
― Տեսա, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ինչ֊որ հիմարությո՞ւն եք արել։
 +
 +
― Գիտե՞ս, Ingles, գնա՛, ես քո, ― ասաց Պիլարը։ ― Ֆերնանդոն և Էլադիոն մարդ էին, մեզ նման։
 +
 +
― Ինչո՞ւ չես գնում ձիերի մոտ, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։ ― Այստեղ ինքս կարող եմ ծածկել, քեզնից լավ։
 +
 +
― Դու պետք է գնաս Պաբլոյին ծածկես։
 +
 +
― Ես քո Պաբլոյի։ Mierda֊յով թող ծածկվի։
 +
 +
― Ո՛չ, Ingles։ Նա վերադարձավ։ Լավ էլ կռվում էր ներքևում։ Չէի՞ր լսում։ Հիմա էլ կռվում է դեռ։ Երևի վիճակը ծանր է։ Չե՞ս լսում։
 +
 +
― Կծածկեմ։ Բայց ես ձեր բոլորի։ Քո՛ էլ, Պաբոլյի՛ էլ։
 +
 +
― Ingles, ― ասաց Պիլարը։ ― Հանդարտվի՛ր։ Ես այս գործում քեզ հետ եմ եղել, եղել եմ այնպես, ինչպես ոչ ոք չէր լինի։ Պաբլոն քեզ վատություն արեց, բայց հիմա վերադարձել է։
 +
 +
― Եթե պայթուցիչս լիներ, ծերուկը չէր սպանվի։ Ես այստեղից կարող էի պայթեցնել։
 +
 +
― Եթե, եթե, եթե․․․ ― ասաց Պիլարը։
 +
 +
Կամրջի փուլ գալուց հետո, երբ բարձրացել էր պառկած տեղից, չոքել ու տեսել էր սպանված Անսելմոյին, զգացել էր, որ ցասումը, դատարկությունն ու ատելությունը տիրեցին իրեն և հիմա էլ բաց չէին թողնում տակավին։ Չէր կարողանում ազատվել նաև հուսահատության այն զգացումից, որն առաջանում է վշտից, ցավից և վեր է ածվում ատելության ու զինվորին զինվոր պահում։ Հիմա, երբ գործն արել֊վերջացրել էր, իրեն բոլորովին մենակ էր զգում, և ընկճված, և ատում էր բոլորին, ում տեսնում էր։
 +
 +
― Եթե ձյուն չգար, ― ասաց Պիլարը։ Եվ հետո, դանդաղ, ոչ միանգամից, ինչպես ֆիզիկական լիցքաթափման ժամանակ (ասենք եթե կինը ձեռքը գցեր վզովը), հանգիստ դատելով սկսեց հաշտվել վիճակի հետ, և ատելությունը տեղի տվեց, ընկրկեց։ Ձյունը։ Անշուշտ։ Դա էր պատճառը։ Ձյունը։ Մյուսների պատճառը դա դարձավ։ Ահա մի անգամ ևս դու տեսնում ես երևույթներն այնպես, ինչպես ուրիշները, մի անգամ ևս ազատագրվեցիր ինքդ քեզնից, հենց այդ է, որ պիտի անես պատերազմում, պիտի ինքդ քեզնից ազատագրվես։ Պատերազմում չի կարող ինքնություն լինել։ Եսդ պետք է կորչի։ Եվ եսը կորցնելու ընթացքի մեջ լսեց Պիլարի ձայնը․
 +
 +
― Սորդոն․․․
 +
 +
― Ի՞նչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Սորդոն․․․
 +
 +
― Այո, ― ասաց նա, հետո ինչ֊որ ժպիտի նմանվող բան գծագրվեց դեմքին, ծամածռված, ջղաձիգ մի ժպիտ։ ― Մոռացի՛ր այն, ինչ ասացի։ Ես իրավացի չէի։ Ների՛ր ինձ, կի՛ն։ Այս գործը ոնց որ իրար հետ սկսել ենք, այդպես էլ իրար հետ կվերջացնենք։ Կամուրջն էլ, ինչպես ասացիր, պայթեցրել ենք։
 +
 +
― Այո՛։ Ընդունիր ամեն ինչ այնպես, ինչպես որ կա։
 +
 +
― Դե ես գնամ Ագուստինի մոտ։ Գնչուին ասա թող ավելի ցած գնա, այնպես լինի, որ հսկի ճանապարհը։ Հրացանները տուր Պրիմիտիվոյին, իսկ դու այս maguina֊ն վերցրու։ Սպասիր ցույց տամ, թե ոնց ես կրակելու։
 +
 +
― Maquina֊դ քեզ պահիր, ― ասաց Պիլարը։ ― Մենք այստեղ երկար չենք մնալու։ Պաբլոն հիմա կգա ու մենք կգնանք։
 +
 +
― Ռաֆայե՛լ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ― ցած արի, մոտս։ Ա՛յ, այստեղ։ Լավ է։ Տեսնո՞ւմ ես դրանց, ջրատարի անցքից դուրս են գալիս։ Այնտեղ, բեռնատարից վերև։ Մոտենում են բեռնատարին։ Դե մեկնումեկին խփի՛ր։ Նստի՛ր։ Մի՛ շտապիր։
 +
 +
Գնչուն ուշադիր նշան բռնեց ու կրակեց, և երբ փակաղակի ձգանը քաշեց ու դատարկ պարկուճներն սկսեցին թափվել կողքին, Ռոբերտ Ջորդանն ասաց․
 +
 +
― Չեղավ։ Ժայռին ես կրակում։ Տեսնո՞ւմ ես, փոշի է բարձրանում։ Ավելի ցած պահիր, երկու ոտնաչափ։ Հիմա ուշադիր կրակիր։ Վազում են։ Լավ է։ Sogue tirando:<ref>Դե կրակիր (իսպ․):</ref>
 +
 +
― Մեկին խփեցի, ― ասաց գնչուն։
 +
 +
Ջրատարի և բեռնատարի միջև ընկած տարածության մեջտեղում մեկն ընկավ։ Մյուս երկուսը կանգ չառան, որպեսզի քաշեն֊տանեն նրան։ Վազեցին ու թաքնվեցին ջրատարի անցքում։
 +
 +
― Դրա վրա այլևս մի՛ կրակիր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Կրակիր բեռնատարի առջևի դողին։ Վրիպես էլ, ոչինչ, շարժիչին կխփես։ Լավ է։ ― Հեռադիտակն հանեց ու սկսեց նայել։ ― Մի քիչ ցած։ Լավ է։ Հիանալի ես կրակում, գրողը տանի։ Mucho! Mucho! Հիմա կրակիր ռադիատորի կափարիչին։ Ռադիատորին, որ մասին ուզում է լինի։ Այ տղա, դու չեմպիոն ես։ Դե հիմա տես։ Չթողնես, որ ոչ մի բան այ այդ կետից առաջ անցնի։ Տեսնո՞ւմ ես։
 +
 +
― Մի տես ոնց եմ դիմացի ապակուն խփում, ― երջանիկ ասաց գնչուն։
 +
 +
― Պետք չէ։ Բեռնատարն արդեն շարքից դուրս է եկել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Էլ մի՛ կրակիր, մինչև որևէ բան վերևից չգա։ Կկրակես, երբ գա հասնի ջրատարի դիմացը։ Ջանա վարորդին խփել։ Հետո արդեն բոլորդ իրար հետ կսկսեք կրակել, ― ասաց Պիլարին, որը Պրիմիտիվոյի հետ զառիթափով իջել եկել էր իրենց մոտ։ ― Հրաշալի դիրք է։ Այս մի թևն ապահով է, տեսնում ես, չէ՞, այս սարավանդի կողմից ոչ մի վտանգ չի կարող լինել։
 +
 +
― Դե վերջ տո՛ւր, գնա՛ Ագուստինի մոտ, տեսեք ինչ եք անում, ― ասաց Պիլարը։ ― Ձեռ քաշի՛ր քո այդ դասախոսություններից։ Ես այս տեղերին լավ ծանոթ եմ։
 +
 +
― Պրիմիտիվոյին նստեցրու այնտեղ, վերևում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Այնտեղ։ Տեսնո՞ւմ ես, ծերո՛ւկ։ Սարավանդի այս կողմը։
 +
 +
― Թող գնա՛, ― ասաց Պիլարը։ ― Գնա՛, Ingles: Գիտելիքներդ քեզ պահիր։ Այստեղ ամեն ինչ պարզ է։
 +
 +
 +
  
  

Ընթացիկ տարբերակը 23:10, 3 Փետրվարի 2018-ի դրությամբ

Ում մահն է գուժում զանգը

հեղինակ՝ Էռնեստ Հեմինգուեյ
թարգմանիչ՝ Համբարձում Քենդերյան (անգլերենից)
աղբյուր՝ «Եվ ծագում է արևը (Ֆիեստա)»


Ոչ մի մարդ մեկուսացած, ինքն իրեն համար ապրող կղզի չէ։ Յուրաքանչյուր մարդ մի կտորն է Մայրցամաքի, մի մասն ամբողջ աշխարհի։ Եթե ծովը քշի տանի մերձափնյա ժայռը, Եվրոպան կփոքրանա, ինչպես կփոքրանար, եթե տաներ մի Հրվանդան, տաներ քո ընկերների կամ քո սեփական կալվածքը։ Յուրաքանչյուր մարդու մահը փոքրացնում է ինձ, որովհետև իմ իմ մեջ ամբողջ մարդկությունն է։ Եվ դրա համար էլ երբեք մի՛ հարցրու, թե ում մահն է գուժում զանգը։ Քո՛ մահն է գուժում։

— Ջոն Դոն

Իսպանիայում զոհված ամերիկացիների մասին

Մեռելները քնել են, այս գիշեր ցուրտ է Իսպանիայում։ Ձյունը թափվում է ձիթենիների պուրակների վրա, ծածկում ծառերի արմատները։ Ձյունը նստում է գերեզմանաթմբերին, գլխավերևների փոքրիկ անվանատախտակներին (եթե հասցրել են անվանատախտակներ դնել)։ Ձիթենիները կանգնել են սառնաշունչ քամու դիմաց, մերկ են ու նիհարիկ, որովհետև ներքևի ճյուղերը կտրել են ու դրանցով տանկերը քողարկել, իսկ մեռելները քնել են Խարամայի գետափնյա բլրալանջերին, պաղ հողում։ Ցուրտ էր և այն փետրվարին, երբ նրանք ընկան այդտեղ և դրանից հետո նրանք չեն նկատել տարվա եղանակների փոփոխությունները։

Երկու տարի է անցել այն օրերից, երբ Լինքոլնի անվան գումարտակը չորսևկես ամիս պահում էր Խարամայի երկայնքի բարձունքները, և այդտեղ ընկած առաջի ամերիկացիները վաղուց արդեն իսպանական հողի մասնիկներն են դարձել։

Մեռելները քնել են, այս գիշեր ցուրտ է։ Իսպանիայում նրանք կքնեն ամբողջ ձմեռը, քանի նրանց հետ միասին քնած կլինի և հողը։ Բայց գարնանն անձրև կգա, հողը վերստին կկենդանանա։ Հարավ քամին մեղմ կփչի սարի լանջին։ Սևաթույր ծառերը կյանք կառնեն, կերևան փոքրիկ կանաչ տերևները, կծաղկեն խնձորենիները Խարամայի ափին։ Գարնանը մեռելները կզգան հողի վերակենդանացումը։

Մեր մեռելները հիմա իսպանական հողի մասնիկներն են դարձել, իսկ իսպանական հողը երբեք չի մեռնի։ Ամեն ձմեռ կթվա, որ մեռնում է, և ամեն գարուն կվերակենդանանա։ Մեր մեռելները հավիտյան կապրեն նրա հետ։

Ինչպես որ հողը երբեք չի մեռնի, այնպես էլ նրանք, ովքեր երբևէ ազատ են եղել, ստրուկ չեն դառնա։ Գյուղացիները, որոնք մշակում են այն հողը, որտեղ թաղված են մեր մեռելները, գիտեն, թե հանուն ինչի ընկան նրանք։ Պատերազմի ընթացքում բավական ժամանակ կար, որ նրանք այս ամենը հասկանային, և այսուհետև միշտ կհիշեն։

Մեր մեռելներն ապրում են իսպանացի գյուղացիների, իսպանացի աշխատավորների սրտերի և հոգիների մեջ, բոլոր այն պարզ ու պարկեշտ մարդկանց, որոնք հավատում էին Հանրապետությանը և կռվում էին հանուն նրա։ Եվ քանի դեռ կապրեն մեր մեռելներն իսպանական հողում, իսկ նրանք կապրեն այնքան ժամանակ, ինչքան կապրի իսպանական հողը, ոչ մի բռնապետություն ծնկի չի բերի Իսպանիային։

Ֆաշիստները կարող են քայլել երկրի ճամփաներով՝ շաչեցնելով ուրիշ երկրներից բերված ծանր մետաղը։ Դավաճանների ու վախկոտների օժանդակությամբ նրանք կարող են առաջ շարժվել։ Նրանք կարող են քաղաքներ ու գյուղեր քանդել, նրանք կարող են փորձել ժողովրդին ստրկության մեջ պահել։ Բայց ստրկության մեջ չես կարող պահել ոչ մի ժողովրդի։

Իսպանական ժողովուրդը նորից ոտքի կկանգնի, ինչպես որ կանգնել է սրանից առաջ՝ բռնապետությունների դեմ։

Մեռելները կարիք չունեն կանգնելու։ Նրանք հիմա մասնիկներն են հողի, իսկ հողը երբեք չի նվաճվի։ Որովհետև հողը հավերժական է։ Նա կգերապրի բոլոր բռնապետությունները։

Նրանք, ովքեր պատվով մտան այդ հողը, իսկ ավելի պատվով ոչ ոք չի մտել այդ հողը, քան Իսպանիայում զոհվածները, նրանք անմահության հասան։

Փետրվարի 14․ 1939 թ․

Էռնեստ Հեմինգուեյ


Այս գիրքը նվիրված է
Մարթա Գելնորնին

Բովանդակություն

Գլուխ առաջին

Նա պառկել էր անտառում, շագանակագույն փշատերևով ծածկված գետնին և ծնոտը դրել խաչված թևերին։ Գլխավերևում քամին վազում էր սոճիների բարձր կատարների մեջ։ Սարալանջի այն մասը, որտեղ պառկած էր նա, համեմատաբար հարթ էր, ավելի ցածրում, սակայն, դառնում էր գահավեժ․ այդտեղից նա տեսնում էր կիրճի միջով գալարվելով անցնող սև ճանապարհը։ Ճանապարհի կողքով մի գետակ էր հոսում, կիրճի հեռավոր ծայրում երևում էին գետակի ափին կանգնած մի սղոցարան և ամառային արևի շողերի տակ սպիտակին տվող ջրվեժը։

― Դա՞ է սղոցարանը, ― հարցրեց նա։

― Այո։

― Չեմ հիշում։

― Քո այստեղ լինելուց հետո է կառուցվել։ Հին սղոցարանն ավելի հեռվում է։ Շատ ավելի ներքևում։

Զինվորական լուսատիպ քարտեզը նա փռեց գետնին և սկսեց ուշադիր նայել։ Ծերունին նրա ուսի վրայով նայում էր քարտեզին։ Կարճահասակ, պնդակազմ ծերուկ էր, հագին՝ գեղջկական սև շապիկ ու գորշ տաբատ, ոտներին՝ պարանե ներբանով կոշիկներ։ Դժվարին վերելքից հևում էր և ձեռքը դրել էր այն երկու ծանր ուսապարկերից մեկի վրա, որ շալակած բերել էին։

― Ուրեմն կամուրջն այստեղից չի երևում։

― Ոչ, ― ասաց ծերունին։ Այստեղ կիրճը հարթ է, գետը հանդարտ է հոսում։ Կամուրջը ներքևում է, որտեղ ճանապարհը թեքվում է և անհետանում ծառերի մեջ, այնտեղ միանգամից խոր անդունդ է․․․

― Հիշեցի։

― Այդտեղ է կամուրջը։

― Իսկ պահակակետե՞րը որտեղ են։

― Մի պահակակետը այդ սղոցարանում է, որը տեսնում ես։

Երիտասարդը, որը հետախուզում էր տեղանքը, խամրած խակի գույնի ֆլանելե շապիկի գրպանից հանեց հեռադիտակը, թաշկինակով սրբեց դիտապակիները և սկսեց պտտեցնել, մինչև որ պարզ երևացին սղոցարանը, սղոցարանի դռան կողքի փայտյա նստարանը, ծածկի տակ տեղադրված սկավառակաձև սղոցի դիմաց բարձրացած փայտաթեփի հսկա կույտը, փողրակը, որով գետակի վրայով սարալանջից գերան էին տեղափոխում։ Հեռադիտակի մեջ երևում էր գետակն իր ողջ ջինջությամբ ու հանդարտությամբ, երևում էին ամբարտակից թափվող ջրի գիսակների վերևում քամու հետ թռչկոտող շիթերը։

― Ժամապահ չկա։

― Սղոցարանից ծուխ էր բարձրանում, ― ասաց ծերունին։ ― Պարանին էլ շորեր են փռված։

― Դրանք տեսնում եմ, բայց ժամապահ չեմ տեսնում։

― Գուցե շվաքում է, ― բացատրեց ծերունին։ ― Այնտեղ հիմա շոգ է։ Սղոցարանի շվաքում կլինի, դրա համար չի երևում։

― Երևի։ Որտե՞ղ է մյուս պահակակետը։

― Կամրջից ներքև։ Ճանապարհաշինության վարպետի տնակում։ Սղոցարանից հինգ կիլոմետր։

― Քանի՞ հոգի են այնտեղ։ ― Նա մատով ցույց տվեց սղոցարանը։

― Երևի չորս, մեկ էլ կապրալը։

― Իսկ ներքևո՞ւմ։

― Ավելի շատ։ Կիմանամ։

― Իսկ կամրջի՞ վրա։

― Միշտ էլ երկու։ Մեկն այս ծայրին, մյուսը ՝ այն։

― Մարդկանց կարիք ենք ունենալու, ― ասաց նա։ ― Քանի՞ հոգի կարող ես բերել։

― Կարող եմ բերել ինչքան ցանկանաս։ Հիմա շատ մարդ կա սարերում։

― Ինչքա՞ն։

― Հարյուրից ավելի։ Բայց փոքր խմբերով են։ Քանի՞ հոգի է պետք։

― Կասեմ, երբ կամուրջը հետախուզենք։

― Հիմա՞ ես ուզում հետախուզել։

― Ոչ։ Հիմա ուզում եմ գնալ և այս պայթուցիկը մի ապահով տեղում պահել։ Կամրջից կես ժամվա հեռավորության վրա։ Ոտքով։ Եթե հնարավոր է։

― Դա հեշտ է, ― ասաց ծերունին։ ― Մեր գնացած տեղից կամուրջ տանող ճամփան զառիվայր է։ Իսկ հիմա պատրաստվիր, որովհետև մի քիչ դժվար վերելք է լինելու։ Քաղցա՞ծ ես։

― Այո, ― ասաց երիտասարդը։ ― Բայց դա հետո։ Անունդ ի՞նչ էր։ Մոռացել եմ։ ― Վատ նշան է, որ մոռացել եմ, ― մտածեց նա։

― Անսելմո, ― ասաց ծերունին։ ― Անունս Անսելմո է։ Բարկո դե Ավիլայից եմ։ Սպասիր օգնեմ, որ բարձրացնես ուսապարկը։

Երիտասարդը, որը բարձրահասակ էր ու նիհար, արևառ մազերով և հողմահար ու արևահար դեմքով, հագել էր արևից խամրած ֆլանելե շապիկ, գեղջկական տաբատ և ոտներին պարանե ներբանով կոշիկ, կռացավ, մի թևն անցկացրեց կաշվե ուսափոկի տակով, ծանր ուսապարկը գցեց թիկունքին, հետո մյուս թևն անցկացրեց երկրորդ ուսափոկի տակով և ուսապարկը տեղավորեց մեջքին։ Ուսապարկի տեղում շապիկը տակավին խոնավ էր։

― Ես պատրաստ եմ, ― ասաց։ ― Ո՞նց ենք գնում։

― Դեպի վեր, ― ասաց Անսելմոն։

Ուսապարկերի ծանրության տակ կռացած, քրտնաթոր, ծանրաքայլ բարձրանում էին սոճիների անտառով պատված սարալանջն ի վեր։ Արահետ չէր երևում, բայց նրանք բարձրանում էին ու բարձրանում սարի լանջով։ Կտրեցին֊անցան մի գետակ և ծերունին գետակի ապառաժոտ հունի երկայնքով հաստատուն քայլերով առաջ գնաց։ Ճանապարհը դառնում էր ուղղաբերձ ու դժվարամատույց։ Նրանց առջև ծառացավ գրանիտյա ուղղաձիգ մի ապառաժ, որի վրայից գահավիժում էր գետակը։ Ծերունին կանգ առավ ապառաժի մոտ և սպասեց երիտասարդին։

― Ո՞նց են գործերը։

― Լավ, ― ասաց երիտասարդը։ Նա քրտինքի մեջ կորել էր, և շեշտակի վերելքից ազդրերի մկանները ձգվել էին։

― Դու այստեղ սպասիր, ես գնամ նրանց զգուշացնելու։ Կարծում եմ, որ չէիր ուզենա նման բեռով կրակոցի տակ ընկնել։

― Երբեք, նույնիսկ եթե դա կատակ լիներ, ― ասաց երիտասարդը, ― իսկ հեռո՞ւ է։

― Չէ, շատ մոտ է։ Իսկ քո անունն ի՞նչ է։

― Ռոբերտո, ― պատասխանեց երիտասարդը։ Նա ուսապարկը իջեցրել էր և զգուշությամբ տեղավորել գետեզրի երկու խոշոր գլաքարերի արանքում։

― Ուրեմն, Ռոբերտո, սպասիր այստեղ, ես շուտով կվերադառնամ։

― Լավ, ― ասաց երիտասարդը։ ― Հենց այս ճանապարհո՞վ ենք իջնելու կամուրջ։

― Ոչ։ Կամուրջ կգնանք ուրիշ ճանապարհով։ Ավելի կարճ, վայրէջքն էլ ավելի դյուրին է։

― Այս բեռը կամրջից շատ հեռու պետք չէ տանել։

― Կտեսնես։ Եթե քեզ չգոհացնի, ուրիշ տեղ կընտրես։

― Կտեսնենք, ― ասաց երիտասարդը։

Նա նստեց ուսապարկերի կողքին և սկսեց նայել, թե ինչպես է ծերունին հեշտությամբ և առանց հենակետեր որոնելու մագլցում ապառաժն ի վեր։ Երիտասարդը կռահեց, որ նա այդ տեղով շատ է բարձրացել, իսկ վերևում ապրողներն այնպիսի զգուշությամբ են շարժվել, որ ոչ մի արահետ չի գոյացել։

Երիտասարդը, որի անունը Ռոբերտո Ջորդան էր, շատ էր քաղցած, միաժամանակ և շատ մտահոգ էր։ Քաղցած լինում էր հաճախ, բայց սովորաբար մտահոգ չէր լինում, որովհետև նշանակություն չէր տալիս, թե ինչ կարող է պատահել իրեն։ Փորձով գիտեր, որ թշնամու թիկունքում շրջագայելն հեշտ է այս երկրում, նույնքան հեշտ է ռազմաճակատի գիծը կտրել֊անցնելը, եթե լավ առաջնորդ ունես։ Գործը կդժվարանա, երբ կսկսես նշանակություն տալ այն բանին, թե ինչ կպատահի քեզ, եթե բռնվես։ Կա ևս մի դժվարություն․ պետք է կարողանաս որոշել, թե ում վստահես․ այն մարդկանց, որոնց հետ գործում ես, կամ պետք է լիովին վստահես, կամ բոլորովին չվստահես։ Պետք է ճիշտ որոշում ընդունես, թե ում վստահես։ Բայց սրանք չէին նրան անհանգստացնող մտքերը։ Մտահոգում էին այլ բաներ։

Անսելմոն լավ առաջնորդ է, լավ էլ քայլում է սար ու ձորով։ Ինքը՝ Ռոբերտ Ջորդանը, նույնպես լավ քայլող է, բայց լուսաբացին սկսված այս երթի ընթացքին նա համոզվեց, որ ծերունին կարող է իրեն ուժասպառ անել։ Ռոբերտ Ջորդանը լիովին վստահում էր Անսելմոյին։ Չգիտեր միայն, թե նա ինչ համոզմունքներ ունի։ Ստուգելու առիթ չէր եղել, բայց, վերջ ի վերջո, համոզմունքի համար ամեն մի մարդ միայն ինքն իր առաջ է պատասխանատու։ Ոչ, նրան մտահոգողը Անսելմոն չէր, ոչ էլ կամուրջն էր, և դա այնքան էլ դժվար խնդիր չէր։ Նա կարող էր պայթեցնել ուզածդ կամուրջը, ինչ տեսակի ասես, և պայթեցրել է բազում կամուրջներ, տարբեր մեծության և տարբեր կառուցվածքի։ Ուսապարկերի պայթուցիկն ու սարքավորումը բավական են, որ պայթեցնի երկու անգամ ավելի մեծ կամուրջ, քան սա, որը նկարագրեց Անսելմոն և որը իր հիշողության մեջ մնացել է դեռևս 1933 թվականից։ Այս կամրջի վրայով նա քայլել֊անցել է Լա Գրանխա գնալիս, երբ մի արշավախմբի հետ շրջում էր երկրում։ Նախանցյալ գիշեր էլ Էսկորիայի տակ գտնվող տան վերնահարկի սենյակներից մեկում Գոլցն էր այս նույն կամուրջը նկարագրում։

― Կամուրջը պայթեցնելը դատարկ բան է, ― ասել էր Գոլցը, որի սպիապատ ածիլված գլուխը պսպղում էր լամպի լույսի տակ։ Այնուհետև մատիտով ցույց էր տվել այն քարտեզի վրա և հարցրել, ― հասկանո՞ւմ եք։

― Այո, հասկանում եմ։

― Բոլորովին դատարկ բան։ Իսկ հենց այնպես պայթեցնելը նշանակում է ձախողում։

― Այո, ընկեր գեներալ։

― Կամուրջը պետք է պայթեցնել ճիշտ այն ժամին, որ նախատեսված է հարձակման համար։ Դուք, անշուշտ, հասկանում եք դա։ Դուք գիտեք, թե ինչ է հանձնարարվում ձեզ և գիտեք, թե ինչպես պիտի գործեք։

Գոլցը նայել էր մատիտին և սկսել էր դրանով տկտկացնել ատամները։

Ռոբերտ Ջորդանը ոչինչ չէր ասել։

― Դուք հասկացաք հանձնարարությունը և գիտեք, թե ինչպես պիտի գործեք, ― շարունակել էր Գոլցը, նայելով նրան և թափ տալով գլուխը։ Հիմա նա սկսել էր մատիտով տկտկացնել քարտեզին։ ― Իսկ ինչպե՞ս պիտի գործեմ ես, հնարավոր չէ իմանալ։

― Ինչո՞ւ, ընկեր գեներալ։

― Ինչո՞ւ, ― բարկացել էր Գոլցը։ ― Դուք, որ այնքան հարձակումներ եք տեսել, դեռ հարցնում եք ինչո՞ւ։ Ի՞նչ երաշխիք կա, որ իմ հրամանները չեն փոխվի։ Ի՞նչ երշախիկ, որ հարձակման որոշումը չեղյալ չի հայտարարվի կամ հարձակումը չի հետաձգվի։ Ի՞նչ երաշխիք կա, որ նախատեսվածից վեց ժամ ուշ չի սկսվի։ Եղե՞լ է գեթ մի հարձակում ըստ նախատեսված ծրագրի։

― Եթե հարձակումը ղեկավարում եք դուք, ապա կսկսվի ժամանակին, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը։

― Ես երբեք չեմ ղեկավարում հարձակումները, ― ասել էր Գոլցը։ ― Ես հարձակվում եմ, բայց ես չեմ ղեկավարում։ Հրետանին իմը չէ։ Ես պետք է խնդրեմ նրա օժանդակությունը։ Ինձ երբեք չեն տալիս այն, ինչ խնդրում եմ, նույնիսկ այն ժամանակ, երբ կարող են։ Բայց դա դեռ բոլորը չէ։ Ուրիշ բաներ էլ կան։ Դուք էլ գիտեք, թե սրանք ինչ մարդիկ են։ Խորանալու կարիք չկա։ Ինչ֊որ բան միշտ էլ կա։ Միշտ էլ մեկը կամ մյուսը պիտի միջամտի։ Հիմա, կարծում եմ, հասկացաք։

― Ուրեմն, ե՞րբ պետք է պայթեցվի կամուրջը, ― հարցրել էր Ռոբերտ Ջորդանը։

― Երբ որ սկսվի հարձակումը։ Հարձակման հետ, ոչ շուտ։ Որպեսզի այս ճանապարհով, ― մատիտով ցույց էր տվել քարտեզի վրա, ― համալրում չհասնի։ Ես պետք է համոզված լինեմ, որ ճանապարհը վնասազերծված է։

― Իսկ ե՞րբ է սկսվելու հարձակումը։

― Ասեմ։ Բայց իմացեք, որ դա կարող է լինել միայն մոտավոր օրն ու ժամը։ Կամուրջը դուք պետք է պայթեցնեք, երբ սկսվի հարձակումը։ Տեսեք, ― ցույց էր տվել մատիտով, ― սա միակ ճանապարհն է, որով նրանք համալրում կարող են ստանալ։ Սա միակ ճանապարհն է, որով տանկերը, հրետանին կամ ավտոմեքենաները կարող են շարժվել դեպի կիրճի այն մասը, որտեղից ես սկսելու եմ հարձակումը։ Ես պետք է վստահ լինեմ, որ կամուրջը շարքից հանված է։ Ժամանակից շուտ պետք չէ պայթեցնել, որովհետև եթե հարձակումը հետաձգվի, կարող են վերականգնել։ Ո՛չ։ Պետք է պայթեցվի, երբ հարձակումն սկսված լինի, և ես պետք է համոզված լինեմ, որ պայթեցված է։ Ընդամենը երկու ժամապահ կա այնտեղ։ Ձեզ ուղեկցողը հենց նոր է եկել այնտեղից։ Ասում են շատ վստահելի մարդ է։ Կտեսնեք։ Սարերում մարդիկ ունի։ Վերցրեք այնքան մարդ, ինչքան կարիք կլինի։ Վերցրեք ինչքան հնարավոր է քիչ, բայց այնքան, որ բավարար լինի։ Երևի կարիք չկար, որ այս ամենը ասեի ձեզ։

― Իսկ ինչպե՞ս պետք է իմանամ, որ հարձակումն սկսվել է։

― Հարձակմանը կմասնակցի ամբողջ մի դիվիզիա։ Կլինի օդային նախապատրաստական ռմբակոծում։ Խուլ չեք, չէ՞։

― Ուրեմն, եթե ինքնաթիռները ռումբերը թափեցին, հարձակումն սկսված է։

― Միշտ չէ, որ այդպես է լինում, ― ասել էր Գոլցը և տարուբերել գլուխը։ ― Այս պարագային, սակայն, կարող եք պայթեցնել։ Հարձակվելու եմ ես։

― Հասկանալի է, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը։ ― Թեև չէի ասի, որ շատ հաճելի է։

― Ոչ էլ ինձ համար է հաճելի։ Եթե չեք ուզում ստանձնել, ասացեք։ Եթե կարծում եք, որ գլուխ չեք բերի, հենց հիմա էլ ասացեք։

― Ես դա կանեմ, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը։ ― Կանեմ, ինչպս որ պետքն է։

― Ես պետք է վստահ լինեմ, ― ասել էր Գոլցը, ― որ կամրջի վրայով ոչ մի բան չի անցնելու։ Դա բացարձակ անհրաժեշտություն է։

― Հասկանում եմ։

― Ես չեմ սիրում այսպիսի հանձնարարություններ տալ մարդկանց, մանավանդ նման պայմաններով, ― շարունակել էր Գոլցը։ ― Հրամայել ես ձեզ չեմ կարող։ Հասկանում եմ, թե ինչ ծանր պայմաններ եմ դնում ձեր առջև։ Աշխատում եմ հանգամանորեն բացատրել ամեն ինչ, որպեսզի դուք հասկանաք և՛ հնարավոր բոլոր դժվարությունները, և՛ գործի կարևորությունը։

― Իսկ դուք ինչպե՞ս պիտի շարժվեք դեպի Լա Գրանխա, եթե կամուրջը պայթեցվի։

― Ամեն ինչ նախատեսել ենք, որպեսզի կիրճի գրավումից հետո կամուրջն արագ վերականգնենք։ Շատ բարդ և գեղեցիկ գործողություն է։ Նույնքան բարդ և նույնքան գեղեցիկ ինչպես միշտ։ Պլանը մշակվել է Մադրիդում։ Վիչենտե Ռոխոյի՝ այդ ձախողակ պրոֆեսորի, գլուխգործոցներից է։ Հարձակվելու եմ ես, և, ինչպես միշտ, անբավարար ուժերով։ Բայց հակառակ դրան, գործողության հաջող ելքը շատ հավանական է։ Այս անգամ սովորականից ավելի անխռով եմ։ Եթե կամուրջը վերացվի, ամեն ինչ հաջող կավարտվի։ Կկարողանանք գրավել Սեգովիան։ Նայե՛ք, տեսեք, թե ինչպես է ընթանալու հարձակումը։ Տեսնո՞ւմ եք։ Հարձակումն սկսում ենք ոչ թե կիրճի մուտքում ― դա մեր ձեռքն է արդեն, այլ շատ ավելի ներքևի մասում։ Նայե՛ք։ Այստե՛ղ։ Այսպե՛ս։

― Գերադասում եմ չիմանալ, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը։

― Լավ, ― ասել էր Գոլցը։ ― Թշնամական գծից այն կողմ բեռն ինչքան քիչ լինի, այնքան ավելի լավ։ Չէ՞։

― Միշտ էլ գերադասել եմ չիմանալ։ Ինչ ասես կարող է պատահել, իսկ եթե պատահի, ես չեմ լինի գաղտնիքը դուրս տվողը։

― Չիմանալն ավելի լավ է, ― ասել էր Գոլցը՝ մատիտը տանելով ճակատին։ ― Հաճախ ես ինքս էլ ցանկացել եմ անգետ լինել։ Բայց այն, ինչ վերաբերում է կամրջին և որը դուք պետք է իմանաք, գիտե՞ք։

― Այո, գիտեմ։

― Հավատում եմ, որ գիտեք, ― ասել էր Գոլցը։ ― Չեմ ուզում ճառ ասել։ Եկեք խմենք։ Անհագ ծարավ եմ զգում, երբ երկար եմ խոսում, ընկեր Հորդան։ Զվարճալի է հնչում ձեր անունը իսպաներեն, ընկեր Հորդան։

― Իսկ ինչպե՞ս է Գոլցը իսպաներեն, ընկեր գեներալ։

― Հոցե, ― ասել էր Գոլցը, քմծիծաղելով և կոկորդից արտաբերելով խորունկ, լավ մրսած մարդու հազի ձայն։ ― Հոցե, ― ասել էր կառանչաձայն։ ― Ընկեր հեներալ Հոցե։ Եթե իմանայի, թե ինչպես է հնչելու Գոլցը իսպաներեն, ավելի լավ անուն կընտրեի մինչև կռվի գալս։ Պատկերացնո՞ւմ եք, գալիս եմ հրամայելու մի ամբողջ դիվիզիայի և ընտրում եմ Հոցե անունը։ Հեներալ Հոցե։ Հիմա արդեն ուշ է փոխելը։ Իսկ պարտիզանական կռիվները դուր գալի՞ս են ձեզ։ Ռուսներն այդպես են կոչում թշնամու թիկունքում կատարվող գործողությունները։

― Շատ, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը և շարունակե քմծիծաղելով, ― չափազանց առողջարար է բաց օդում։

― Ինձ էլ շատ էին դուր գալիս, երբ ձեր տարիքին էի, ― ասել էր Գոլցը։ ― Ինձ պատմել են, որ դուք շատ լավ եք կամուրջներ պայթեցնում։ Գիտականորեն։ Բայց դրանք ընդամենը լուրեր են։ Ինքս տակավին ձեր ոչ մի գործը չեմ տեսել։ Գուցե իրականում դուք նման գործեր չե՞ք էլ արել։ Դուք իսկապե՞ս կամուրջներ պայթեցրել եք։ ― Նա արդեն սկսել էր Ռոբերտ Ջորդանի հոգու հետ խաղալ։ Հետո մեկնել էր նրան իսպանական կոնյակով լեցուն բաժակը և ասել, ― խմեք։ Դե, իսկապե՞ս պայթեցրել եք։

― Պատահել է։

― Այս կամրջի հետ ոչ մի պատահականություն չպետք է լինի։ Ո՛չ։ Եվ եկեք այլևս կամրջի մասին չխոսենք։ Դուք արդեն հասկացաք նրա կարևորությունը։ Շատ լրջացանք, եկեք մի քիչ էլ կատակենք։ Լսեք։ Թշնամու թիկունքում աղջիկներ շա՞տ ունեք։

― Ո՛չ, աղջիկների համար ժամանակ չունենք։

― Համաձայն չեմ։ Ինչքան անկանոն է ծառայությունը, նույնքան էլ անկանոն է կյանքը։ Ձեր ծառայությունը շատ անկանոն է։ Այ, օրինակ, ձեր մազերը պետք է կարճ խուզեիք։

― Ինչպես պետք է, այնպես էլ կտրված են, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը և մտածել, թե միայն այդ էր պակաս, որ գլուխը Գոլցի նման ածիլեր։ ― Եվ առանց աղջիկների էլ մտածելու շատ բան կա, ― շարունակել էր մռայլված ու հարցրել․ ― Իսկ ինչպիսի՞ համազգեստ կրեմ։

― Ոչ մի տեսակ։ Մազերդ էլ շատ լավ են։ Ես ձեր հոգու հետ էի խաղում։ Մենք իրարից շատ ենք տարբեր, ― ասել էր Գոլցը և նորից էր լցրել բաժակները։

― Միայն թե աղջիկների մասին դուք բոլորովին էլ այդպե՛ս չեք մտածում։ Ոչ էլ ես եմ մտածում, ո՛չ։ Ինչո՞ւ պիտի մտածեմ։ Երբեք չեմ մտածում։ Մի՛ փորձեք ինձ ծուղակը գցել։

Շտաբի մի սպա, որ նստած աշխատում էր գծագրական տախտակին ամրացված քարտեզի վրա, նայել էր Ռոբերտ Ջորդանի կողմն ու մռլտացել նրան անհասկանալի մի լեզվով։

― Դե լռե՛ք, ― ասել էր Գոլցը անգլերեն։ ― Ուզում էի կատակել և կատակեցի։ Շատ եմ լրջացել, դրա համար եմ կատակում։ Իսկ հիմա խմե՛ք և մեկնեցե՛ք։ Ամեն ինչ պա՞րզ է։

― Այո՛, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը։ ― Պարզ է։

Իրար ձեռք էին սեղմել, պատիվ էր տվել գեներալին և դուրս եկել ու բարձրացել շտաբի ավտոմեքենան, որի մեջ ծերունին քուն մտած իրեն էր սպասում։ Այդ մեքենայով նրանք անցել էին Գուագառամա տանող խճուղով, ծերունին շարունակել էր քնել, հետո, Նավասեռադայի խճուղով, հասել էին ալպինիստների ակումբի հյուղակը։ Այստեղ Ռոբերտ Ջորդանը երեք ժամ քնել էր։ Հետո արդեն ճանապարհն անցել էին ոտքով։

Վերջին անգամ Գոլցին տեսել էր այդպես՝ երբեք չարևահարվող մի տարօրինակ սպիտակ դեմքով, արծվաչ, խոշորաքիթ, բարակ շուրթերով և կնճիռներով ու սպիներով ակոսված ածիլված գլխով։ Վաղը գիշերը խավար խճուղով նրանք դուրս կգան Էսկորիալից։ Բեռնատարերի երկար շարասյուները մթության մեջ կտեղափոխեն հետևակը, ծանրաբեռն մարդիկ կբարձրանան մեքենաները, գնդացրորդները թափքերի վրա կտեղավորեն իրենց զենքերը, ավտոմեքենաները քարշ կտան ցիստեռնները։ Դիվիզիան գիշերով կշարժվի դեպի կիրճ՝ պատրաստվելով հարձակման։ Բայց նա այդ մասին պարտավոր չէ մտածել։ Այդ հոգսը իրենը չէ։ Դա Գոլցի հոգսն է։ Նա միայն մի բանի մասին պետք է մտածի և պետք է չափազանց հստակ պատկերացում ունենա, պարտավոր է հաշվի առնել բոլոր հնարավոր պատահականություննեըր և չանհանգստանալ։ Անհանգստանալը նույնքան վատ է, ինչքան վախը։ Դա պարզապես ավելի է դժվարացնում գործը։

Նա նստել էր գետակի եզրին և նայում էր, թե ինչպես ժայռերի արանքով հոսում է ջինջ ջուրը։ Մեկ էլ մյուս ափին ջրկոտեմի մի թավ ծածկույթ նկատեց։ Անցավ գետակը, պոկեց երկու բուռ, ցեխոտ արմատները լվաց ջրի հոսանքում, նորից նստեց ուսապարկի կողքին և կերավ մաքուր, սառը դալար տերևներն ու խշխշան կծվահամ ցողունները։ Չոքեց գետակի վրա, մեջքից կախված ատրճանակը տարավ ետ, որպեսզի չթրջվի, ձեռքերով հենվեց երկու քարի և խմեց գետակի ցավ պատճառելու աստիճան սառը ջուրը։

Ձեռքերով քարերին հենված նա ետ մղեց մարմինը, գլուխը շրջեց և այդ պահին տեսավ, որ ծերունին ժայռից ցած է իջնում։ Նրա հետ գալիս էր մի տղամարդ, նույնպես գեղջկական սև շապիկով ու գորշ տաբատով, որը համազգեստի նման հագնում են այս նահանգում, ոտներին պարանե ներբանով կոշիկներ էին, իսկ թիկունքից կախված էր կարաբինը։ Տղամարդը գլխաբաց էր։ Երկուսն էլ այնպես էին իջնում ապառաժների վրայով, կարծես քարայծեր լինեին։

Նրանք մոտեցան, և Ռոբերտ Ջորդանը կանգնեց։

― Salud, Camarada, ― ասաց կարաբինով մարդուն և ժպտաց։

― Salud, ― դժկամությամբ պատասխանեց տղամարդը։

Ռոբերտ Ջորդանը նայեց նրա թավ մազերով պատած համարյա կլոր դեմքին։ Գլուխը նույնպես կլոր էր և սերտաճած ուսերին։ Աչքերը փոքր էին և իրարից բավական հեռու, ականջները նույնպես փոքր էին և կարծես կպած լինեին գլխին։ Հաղթանդամ, շուրջ վեց ոտնաչափ հասակով և խոշոր ձեռներով ու խոշոր ոտներով մարդ էր։ Քիթը ջարդված էր, մազակալած դեմքի վրա կար մի սպի, որ բերանի անկյունը հատելով՝ վերին շրթունքից դեպի ստորին ծնոտն էր ձգվում։

Ծերունին գլխով ցույց տալով տղամարդուն ժպտաց ու ասաց․

― Այս սարերի տերն է, ― հետո քմծիծաղեց, մկանները ցուցադրելու ձևով ծալեց արմունկը և ինչ֊որ կիսածաղրական, կիսահիացական հայացք նետելով կարաբինով մարդու վրա՝ ավելացրեց, ― շատ ուժեղ մարդ է։

― Երևում է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և նորից ժպտաց։

Սակայն այդ մարդու տեսքը նրան դուր չէր եկել և ներքուստ նա բոլորովին չէր ժպտում։

― Քո ինքնությունն ինչո՞վ կարող ես հաստատել, ― հարցրեց կարաբինով մարդը։

Ռոբերտ Ջորդանը դուրս քաշեց ապահով գնդասեղը ֆլանելե շապիկի ձախ կիսագրպանի վրայից, ծալված մի թուղթ հանեց և մեկնեց տղամարդուն․ սա բացեց թուղը, կասկածանքով նայեց և շուռումուռ տվեց։ Նկատելով, որ կարդալ չգիտի, Ռոբերտ Ջորդանն ասաց․

― Նայի՛ր կնիքին։

Ծերունին մատնացույց արեց կնիքը, և կարաբինով մարդն սկսեց ուսումնասիրել այն՝ մատների արանքում շրջելով թուղթը։

― Իսկ ի՞նչ կնիք է սա։

― Դուք դա երբևէ չե՞ք տեսել։

― Ո՛չ։

― Այդտեղ երկու կնիք կա, մեկը ՌՀԾ՝ ռազմական հետախուզական ծառայության, իսկ մյուսը գլխավոր շտաբինն է։

― Այո, այս կնիքը ես տեսել եմ։ Բայց այստեղ հրամայում եմ միայն ես, ― ասաց նա խուլ ձայնով։ ― Ուսապարկում ի՞նչ կա։

― Պայթուցիկ, ― հպարտությամբ ասաց ծերունին։ ― Երեկ գիշեր անցել ենք թշնամու գիծը և ամբողջ օրը, ոտքով, սարերի վրայով շալակած բերել ենք այս պայթուցիկը։

― Պայթուցիկը ինձ պետք կգա, ― ասաց կարաբինով մարդը։ Նա թուղթը վերադարձրեց և ոտից գլուխ չափեց Ռոբերտ Ջորդանին։ ― Այո՛, պայթուցիկի կարիք ունեմ։ Ինձ ինչքա՞ն եք բերել։

― Ես քեզ պայթուցիկ չեմ բերել, ― հանգիստ ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Պայթուցիկը այլ նպատակի համար է։ Իսկ անունդ ի՞նչ է։

― Քեզ ի՞նչ։

― Պաբլո է, ― ասաց ծերունին։ Կարաբինով մարդը մռայլ նայում էր նրանց։

― Լավ է։ Ես քո մասին շատ լավ բաներ եմ լսել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Ի՞նչ ես լսել իմ մասին, ― հարցրեց Պաբլոն։

― Լսել եմ, որ դու պարտիզանական հիանալի հրամանատար ես, որ դու հավատարիմ ես Հանրապետությանը, և քո հավատարմությունն ապացուցում ես քո արարքներով, որ դու միաժամանակ և՛ լուրջ, և՛ արի մարդ ես։ Ես քեզ ողջույն եմ բերել գլխավոր շտաբից։

― Որտե՞ղ ես լսել այդ բոլորը, ― հարցրեց Պաբլոն։ Ռոբերտ Ջորդանն համոզվեց, որ շողոքորթ խոսքերը ազդեցություն չեն գործում նրա վրա։

― Լսել եմ սկսած Բուիտրագոյից մինչև Էսկորիպ, ― ասաց նա՝ տալով ռազմագծից այն կողմ գտնվող ամբողջ երկրամասի անունը։

― Ես ոչ մեկին չեմ ճանաչում Բուիտրագոյում, ոչ էլ Էսկորիալում, ― ասաց Պաբլոն։

― Հիմա լեռների այն կողմը ապրում են շատ մարդիկ, որոնք առաջ բնակվել են այլ վայրերում։ Իսկ դու որտեղացի՞ ես։

― Ավիլայից։ Ի՞նչ ես անելու այդ պայթուցիկով։

― Մի կամուրջ եմ պայթեցնելու։

― Ի՞նչ կամուրջ։

― Դա արդեն իմ գործն է։

― Եթե այս շրջանում է, ապա իմ գործն է։ Սեփական բնակավայրի մոտակայքում չի կարելի կամուրջներ պայթեցնել։ Մի տեղ պիտի ապրես, մի այլ տեղ՝ գործես։ Ես իմ գործը գիտեմ։ Ով այս մի տարին կարողացել է կենդանի մնալ, նա իր գործը գիտի։

― Սա իմ գործն է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ― թեև մենք կարող ենք նաև միասին քննարկել։ Կօգնե՞ս, որ ուսապարկերը տեղ հասցնենք։

― Ո՛չ, ― ասաց Պաբլոն և թափ տվեց գլուխը։

Ծերունին հանկարծ շրջվեց նրա կողմն ու սկսեց արագ֊արագ և զայրացած խոսել իսպանական մի բարբառով, որ Ջորդանը հազիվ էր կռահում։ Կարծես ընթերցված լիներ Քևեդոյից։ Անսելմոն խոսում էր հին կաստիլիներով և այսպիսի բաներ էր, մոտավորապես ասում․ «Դու անասուն ե՞ս։ Այո՛։ Դու տավա՞ր ես։ Այո՛, և բազում անգամ այո։ Դու ուղեղ ունե՞ս։ Ո՛չ։ Բնավ։ Մենք եկել ենք մեծագույն կարևորության գործով, իսկ դու քո բնակավայրի հանգստության մասին ես հոգում, աղվեսի քո ծակուռը մարդկության շահերից բարձր ես դասում։ Ժողովրդի շահերից բարձր։ Ես քո հոր ըսենցն ու ընենցը։ Ես քո ըսենցն ու ընենցը»։

Պաբլոն հայացքն իջեցրեց։

― Ամեն մարդ պետք է անի այն, ինչ կարող է, բայց պետք է անի այնպես, որ ճիշտ լինի, ― ասաց նա։ ― Ես ապրում եմ այստեղ, իսկ գործում եմ Սեգովիայից անդին։ Եթե դու այստեղ խառնակություններ սկսես, մեզ այս լեռներից որսերի պես կհալածեն։ Մենք այս լեռներում կարող ենք շարունակել մեր կյանքը, եթե ոչինչ չձեռնարկենք այստեղ։ Սա աղվեսի սկզբունքն է։

― Այո՛, ― դառնությամբ ասաց Անսելմոն։ ― Դա աղվեսի սկզբունք է, այնինչ մեզ գայլ է հարկավոր։

― Ես ավելի գայլ եմ, քան դու, ― ասաց Պաբլոն, և Ռոբերտ Ջորդանն արդեն համոզվեց, որ նա ուսապարկը կվերցնի։

― Հրի հոո․․․ ― ծիծաղեց Անսելմոն և նայեց նրան։ ― Դու ավելի գայլ ես, քան ես, ես, որ արդեն վաթսունութ տարեկան եմ։ ― Թքեց գետնին ու թափ տվեց գլուխը։

― Դու այդքան կա՞ս, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը, նկատելով, որ վեճը հարթվում է և իր կողմից նույնպես մեղմելու ինչ֊որ միջոց որոնելով։

― Հուլիսին վաթսունութս կլրանա։

― Եթե երբևէ տեսնենք այդ ամիսը, ― ասաց Պաբլոն, ― թույլ տուր օգնեմ, որ ուսապարկը հասցնենք, ― ասաց Ռոբերտ Ջորդանին։ ― Մյուսը թող ծերուկին։ ― Նա արդեն խոսում էր ոչ թե բարկացկոտ, այլ տխուր ձայնով։ ― Ուժեղ ծերուկ է։

― Ես կշալակեմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Ո՛չ, ― ասաց ծերունին։ ― Թո՛ղ այս մյուս ուժեղ տղամարդուն։

― Ես կվերցնեմ, ― ասաց Պաբլոն թախծախառն մի մռայլությամբ, որը խռովեց Ռոբերտ Ջորդանի հոգին։ Նրան ծանոթ էր այդ թախիծը և հիմա, երբ տեսավ, անհանգստացավ։

― Այդ դեպքում կարաբինը տուր ինձ, ― ասաց նա, և, երբ Պաբլոն կարաբինը մեկնեց, նա կախեց ուսից ու հետևեց նրանց, որ ծանրաբեռն մագլցում էին գրանիտյա ապառաժն ի վեր դեպի անտառի կանաչ բացատը։

Նրանք անցան մի փոքրիկ մարգագետնի եզրով, և Ռոբերտ Ջորդանը, որն արդեն ազատվել էր ուսապարկի քրտինք թորող ծանրությունից և ընդամենը մի կարաբին ուսին թեթևաքայլ հետևում էր նրանց, նկատեց, որ խոտը տեղ֊տեղ պոկոտած է և գետնին ցցերի տեղեր կան։ Խոտերի մեջ նա տեսավ մի արահետ, որով ձիերին ջրելու էին տարել, իսկ այս ու այնտեղ թարմ թրիք էր երևում։ Երևի գիշերը բերում են այստեղ արածեցնելու, իսկ ցերեկը թաքցնում են անտառում, մտածեց նա։ Տեսնես քանի՞ ձի ունի այս Պաբլոն։

Նա հիմա հիշեց, որ նկատել էր, բայց առանձնապես ուշադրություն չէր դարձրել այն բանին, որ Պաբլոյի տաբատի ծնկների ու ազդրերի մասերը մաշվածությունից փայլում էին։ Տեսնես կոշիկներ ունի՞, թե այդ ալպարգաթաներն են միայն, մտածեց նա։ Պետք է որ այլ հագ ու կապ էլ ունենա։ Բայց այդ թախիծն ինձ դուր չի գալիս, մտածեց նա։ Այդ թախիծը վատ նշան է։ Այդպիսի թախիծով համակվում են դասալքությունից կամ դավաճանությունից առաջ։ Այդ թախիծը համակում է մարդուն մատնության նախօրյակին։

Անտառում մի ձի խրխնջաց, և սոճիների շագանակագույն թավ կատարներից հազիվ թափանցող արևի շողերի տակ նա տեսավ ծառերի բներին կապկպած պարանե ցանկապատը։ Ձիերը գլուխները երկարել էին մոտեցող մարդկանց կողմը, մի ծառի տակ, ցանկապատից դուրս, իրար վրա դարսված էին բրեզենտով ծածկված թամբերը։

Երբ արդեն բոլորովին մոտիկ էին, ուսապարկերով մարդիկ կանգ առան, և Ռոբերտ Ջորդանն հասկացավ, որ պետք է իր հիացմունքը արտահայտի ձիերի մասին։

― Այո, ― ասաց նա, ― գեղեցիկ են։ ― Դարձավ Պաբլոյին, ― սեփական հեծելազոր էլ ունես։

Պարանե ցանկապատի ներսում հինգ ձի կար, երեքը՝ աշխետ, մեկը՝ դեղձան, մյուսը խատուտիկ։ Բոլորի վրա մի ընդհանուր հայացք գցելուց հետո Ռոբերտ Ջորդանն սկսեց զննել յուրաքանչյուրին առանձին֊առանձին։ Պաբլոն և Անսելմոն գիտեին նրանց արժեքը, և մինչ Պաբլոն, այժմ արդեն հպարտ ու անթախիծ, գուրգուրալից հայացքով նայում էր նրանց, ծերունին, որը կանգնած էր անակնկալ մատուցած մարդու տեսքով, հարցրեց․

― Ո՞նց են։

― Այս բոլորը ես եմ ձեռք բերել, ― ասաց Պաբլոն, և Ռոբերտ Ջորդանը թեթևություն զգաց, լսելով նրա հպարտությամբ հնչած խոսքը։

― Ա՛յ, դա, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և մատնացույց արեց աշխետներից մեկը՝ մի խոշորակազմ նժույգ, որի ճակատին սպիտակ նշան կար և առջևի ոտներից մեկը նույնպես սպիտակ էր։ ― Դա հզոր ձի է։

Գեղեցիկ ձի էր, կարծես Վելասկեսի կտավներից դուրս թռած լիներ։

― Բոլորն էլ լավն են, ― ասաց Պաբլոն։ ― Դու բան հասկանո՞ւմ ես ձիերից։

― Այո՛։

― Ավելի լավ, ― ասաց Պաբլոն, ― մեկնումեկի մոտ որևէ արատ տեսնո՞ւմ ես։

Ռոբերտ Ջորդանն հասկացավ, որ հենց հիմա և հենց այսպես է անգրագետ մարդն ստուգելու իր ինքնության փաստաթղթերը։

Ձիերը գլուխները բարձր պահած դեռևս նայում էին մարդկանց։ Ռոբերտ Ջորդանն անցավ պարանե կրկնակ ցանկապատը և թփթփացրեց խատուտիկի գավակը, ապա հենվեց պարանե ցանկապատին և, երբ ձիերը հանդարտ կանգնեցին, մի րոպեից փոքր֊ինչ ավելի ուշադրությամբ նայեց նրանց, հետո կռացավ և պարանների արանքով դուրս եկավ։

― Դեղձանը ետևի աջ ոտից կաղում է, ― ասաց Պաբլոյին՝ առանց նրան նայելու։ ― Սմբակը ճաքել է, եթե շուտ պայտվի, ճաքը չի խորանա, այլապես շատ պինդ գետնով գնալիս կարող է ջարդվել։

― Սմբակը դեռ այն ժամանակ, երբ մենք նրան բերեցինք, այդպես էր, ― ասաց Պաբլոն։

― Քո լավագույն ձիու՝ սպիտակաճակատ աշխետ նժույգի ոլոքի վերին մասում ուռուցք կա։ Դա ինձ դուր չի գալիս։

― Դատարկ բան է, ― ասաց Պաբլոն։ ― Արդեն երեք օր է, որ առաջացել է, և եթե մի բան լինելու էր, եղած կլիներ։

Նա վերցրեց բրեզենտը և ցույց տվեց թամբերը։ Երկուսը վաքերոյի կամ հովվի ձիու սովորական թամբեր էին, նման ամերիկացի նախրորդների ձիաթամբերին, մեկը՝ նույնպես վաքերոյի, բայց չափազանց զարդարուն, ձեռագործ փոկերով և ծանր ու ծածկովի ասպանդակներով թամբ էր, մյուս երկուսը զինվորական էին, սև կաշվից։

― Մի երկու guardia civil[1] ենք սպանել, ― ասաց նա որպես բացատրություն զինվորական թամբերի առկայության։

― Դա լուրջ խաղ է։

― Նրանք իջել էին ձիերից Սեգովիայից Սանտա Մարիա դել Ռեալ տանող ճանապարհի վրա։ Իջել էին, որպեսզի ստուգեն մի սայլապանի փաստաթղթերը։ Մենք նրանց սպանեցինք առանց ձիերին վնաս պատճառելու։

― Շա՞տ եք գվարդիական սպանել։

― Մի քանի, ― ասաց Պաբլոն, ― բայց միայն այս երկուսի ձիերն են անվնաս մեր ձեռքն ընկել։

― Պաբլոն է պայթեցրել գնացքը Արևալոում, ― ասաց Անսելմոն, ― Պաբլոն։

― Մեզ հետ մի օտարական կար, նա պայթեցրեց, ― ասաց Պաբլոն։ ― Դու նրան ճանաչո՞ւմ ես։

― Անունն ի՞նչ էր։

― Չեմ հիշում։ Հազվադեպ անուն էր։

― Իսկ ինչպիսի՞ն էր ինքը։

― Խարտյաշ էր, քեզ պես, բայց այդքան բարձրահասակ չէր, ձեռները մեծ էին, քիթը՝ ջարդված։

― Կաշկին, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ― դա պետք է Կաշկինը եղած լինի։

― Այո, ― ասաց Պաբլոն։ ― Շատ հազվադեպ անուն էր։ Դրա նման ինչ֊որ բան։ Նրանից ի՞նչ լուր կա։

― Ապրիլին սպանվեց։

― Հենց դա է, որ պատահում է հիմա բոլորին, ― ասաց մռայլված Պեդրոն։ ― Այդպես ենք ավարտելու բոլորս։

― Բոլոր մարդիկ այդպես են ավարտում, ― ասաց Անսելմոն։ Մարդիկ միշտ էլ այդպես են ավարտել։ Ի՞նչ է պատահել քեզ, մարդ, ի՞նչ կա փորումդ։

― Նրանք շատ հզոր են, ― ասաց Պաբլոն։ Նա խոսում էր կարծես ինքն իր հետ։ Մռայլված նայում էր ձիերին։ ― Դուք պատկերացնել իսկ չեք կարող, թե ինչքան են հզոր։ Ես տեսնում եմ, թե ինչպես են օրեցօր ավելի հզորանում ու ավելի լավ սպառազինվում, զինամթերքն էլ է ավելանում։ Իսկ ես՝ ահա, ունեցածս էլ ընդամենն այս ձիերը։ Ի՞նչ կբերի ինձ գալիք օրը։ Հետապնդում որսի պես և հետո մահ։ Ուրիշ ոչինչ։

― Ոնց որ քեզ կարող են որսալ, այնպես էլ դու կարող ես նրանց որսալ, ― ասաց Անսելմոն։

― Ո՛չ, ― ասաց Պաբլոն։ ― Հիմա արդեն ոչ։ Եթե մենք հիմա հեռանանք այս լեռներից, որտե՞ղ կարող ենք պատսպարվել։ Պատասխանի՛ր։ Որտե՞ղ։

― Իսպանիայում լեռներ շատ կան։ Եթե անհրաժեշտ լինի այստեղից հեռանալ, կարելի է գնալ Սիեռա դե Գրեդոս։

― Ես այդ բանը չեմ անի, ― ասաց Պաբլոն։ ― Ես հոգնել եմ որսի պես հալածվելուց։ Մենք այստեղ լավ ենք ապրում։ Հիմա որ կամուրջը պայթեցվի, պիտի սկսեն հետապնդել։ Եթե իմանան այստեղ ենք, ինքնաթիռներով կորոնեն ու կգտնեն։ Կուղարկեն մարոկցիներին, և մենք ստիպված կլինենք հեռանալու։ Ես հոգնել եմ այս ամենից։ Լսո՞ւմ ես։ ― Դարձավ Ռոբերտ Ջորդանին․ ― Դու ի՞նչ իրավունք ունես, օտարական, գալու և ասելու, թե ես ինչ պետք է անեմ։

― Ես քեզ ոչինչ չեմ ասել, որ անես, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Շուտով կասես, ― ասաց Պաբլոն։ ― Այդտեղ է, դրա մեջ է պատուհասը։ ― Նա մատնացույց արեց երկու ծանր ուսապարկերը, որ ձիերին դիտելու միջոցին դրել էին հատակին։ Ձիերը տեսնելուց հետո Պաբլոյի ուղեղը տակնուվրա էր եղել, իսկ երբ Ռոբերտ Ջորդանը տվել էր նրանց գնահատականը, լեզվի կապերը արձակվել էին։ Հիմա կանգնել էին ցանկապատի պարանի կողքին, արևի տարտղնված շողը փայլփլում էր աշխետ նժույգի ստևների վրա։ Պաբլոն նայում էր նժույգին, հետո ոտով հրեց ծանր ուսապարկը։ ― Դրա մեջ է պատուհասը։

― Ես եկել եմ իմ պարտականությունը կատարելու, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես եկել եմ այն մարդկանց հրամանով, ովքեր ղեկավարում են այս մարտերը։ Եթե քեզնից օգնություն խնդրեմ, դու կարող ես մերժել, ես կգտնեմ ուրիշ մարդկանց, որոնք կօգնեն ինձ։ Ես դեռ քեզնից օգնություն չեմ խնդրել։ Ես պետք է կատարեմ այն, ինչ հրամայված է ինձ կատարել, կարող եմ հավաստել, որ դա շատ կարևոր է, իսկ այն, որ ես օտարական եմ, դա իմ մեղքը չէ։ Պիտի նախընտրեի այստեղ ծնված լինել։

― Ինձ համար հիմա ամենակարևորն այն է, որ այստեղ անդորր լինի, ― ասաց Պաբլոն, ― իմ պարտականությունն է հոգալ ինձ հետ եղողների մասին, իմ մասին։

― Քո՛ մասին։ Այո՛, ― ասաց Անսելմոն, ― քո՛ մասին, և արդեն երկար ժամանակ ի վեր։ Քո և քո ձիերի։ Քանի դեռ ձիեր չունեիր, մեզ հետ էիր։ Հիմա դու արդեն կապիտալիստ ես։

― Դա ճիշտ չէ, ― ասաց Պաբլոն։ ― Ընդհանուր գործի համար ես միշտ էլ վտանգի ենթարկել եմ ձիերին։

― Շատ քիչ, ― ասաց Անսելմոն արհամարհանքով։ ― Ինչքան ես եմ հասկանում՝ շատ քիչ։ Գողացե՞լ ես։ Այո՛։ Լավ կերե՞լ ես։ Այո՛։ Սպանե՞լ ես։ Այո՛։ Կռվե՞լ ես։ Ո՛չ։

― Ծերո՛ւկ, դու քո այդ լեզվով փորձանք կբերես գլխիդ։

― Ես ծեր եմ և ոչ ոքից չեմ վախենում, ― ասաց նրան Անսելմոն։ ― Միևնույն ժամանակ ես մի ծերունի եմ, որը ձիեր չունի։

― Դու ծեր ես և կարող ես արդեն երկար չապրել։

― Ես մի ծերունի եմ, որ կապրեմ մինչև իմ մահը, ― ասաց Անսելմոն։ ― Եվ աղվեսներից չեմ վախենում։

Պաբլոն ոչինչ չասաց և վերցրեց ուսապարկը։

― Ոչ էլ գայլերից, ― ասաց Անսելմոն՝ վերցնելով մյուս ուսապարկը։ ― Եթե դու գայլ ես։

― Դե բերանդ փակի՛ր, ― ասաց նրան Պաբլոն։ ― Դու միշտ էլ չափից ավելի շատ ես խոսում։

― Եվ միշտ էլ արել եմ այն, ինչ ասել եմ, ― ասաց ուսապարկի ծանրության տակ կռացած Անսելմոն։ ― Իսկ հիմա քաղցած եմ, և ծարավ։ Դե, գնա՛, քայլի՛ր, պարտիզանների տխրադեմ հրամանատար։ Տար մեզ, որ մի բան ուտենք։

Սկիզբը բավական վատ է, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Բայց Անսելմոն տղամարդ մարդ է։ Սրանց լավը հրաշալի է, մտածեց նա։ Սրանց լավի նմանը ուրիշ ոչ մի տեղ չես գտնի, իսկ վատից էլ ոչ մի տեղ ավելի վատը չկա։ Անսելմոն հավանաբար գիտեր, թե ինչ է անում, երբ ինձ առաջնորդում էր այստեղ։ Բայց սա ինձ դուր չի գալիս։ Բոլորովին դուր չի գալիս։

Միակ լուսավոր կետը, առայժմ, այն է, որ Պաբլոն շալակած տանում է ուսապարկը և կարաբինն էլ հանձնել է իրեն։ Գուցե միշտ էլ այդպիսին է նա, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Գուցե այսպես կոչված հավերժ մռայլ տիպերից է։

Չէ, ասաց ինքն իրեն, քեզ հիմարի տեղ մի՛ դնիր։ Նախ դու չգիտես, թե առաջ նա ինչպիսին է եղել։ Բայց որ հիմա նա շատ որոշակիորեն վատ է, դու դա գիտես, և էինքն էլ չի թաքցնում։ Եթե փորձի թաքցնել, ուրեմն արդեն որոշումը կայացրել է։ Հիշի՛ր դա, ասաց ինքն իրեն։ Հենց որ բարեկամական վերաբերմունք նկատես, իմացիր, որ որոշումը կայացրել է։ Ձիերն իսկապես հոյակապ են, մտածեց, շատ գեղեցիկ ձիեր են։ Տեսնես ի՞նչը կարող է ինձ այնպիսին դարձնել, ինչպիսին այս ձիերը դարձրել են Պաբլոյին։ Ծերունին իրավացի էր։ Ձիերը նրան հարստացրել են, և հիմա, որ հարստացել է, ուզում է վայելել կյանքը։ Շուտով կսկսի տառապել, որ Jokey Club֊ի անդամ չի կարող լինել։ Կռահում եմ, մտածեց նա։ Pouvre[2]Պաբլո։ Il a manque son Jokey[3]։

Այդ մտքի վրա տրամադրությունը բարձրացավ։ Ժպտաց, նայելով խոշոր ուսապարկերի տակ կռացած մարդկանց, որոնք ծառերի արանքներով առաջ էին գնում։ Ամբողջ օրվա ընթացքում ոչ մի զվարճալի բան չէր անցել մտքովը, հիմա, երբ անցավ, տրամադրությունը լավացավ։ Դու էլ ես դառնում այնպիսին, ինչպիսին նրանք են։ Դու էլ ես մռայլ մարդ դառնում։ Երեկ գիշեր, Գոլցի սենյակում, ինքն էլ, անշուշտ, և՛ շատ լուրջ էր, և՛ շատ մռայլ։ Հանձնարարությունը ցնցել էր նրան։ Հիմնիվեր ցնցել։ Գուցե ուրախ էր և ուզում էր, որ բաժանումից առաջ ինքն էլ ուրախ լինի։ Բայց նա չէր կարողացել։

Երբ քրքրում ես հիշողությունդ, տեսնում ես, որ քո ճանաչած մարդկանցից լավագույնները ուրախ մարդիկ էին։ Անհամեմատ ավելի լավ է ուրախ լինելը, դրա մեջ նաև ինչ֊որ խորհուրդ կա։ Կարծես անմահացած լինես դեռևս կենդանության ժամանակ։ Ինչ֊որ բարդ զգացողություն է։

Այդ մարդիկ այժմ շատ չեն։ Չէ՛, այդ ուրախ մարդիկ հիմա քիչ են։ Անեծք էր թափվել գլխներին, քչերը մնացին։ Եվ եթե շարունակես խոհերիդ հանձնվել, տղաս, դու ևս չես մնա։ Խոհերդ դիր մի կողմ, ծերո՛ւկ, հին ընկեր։ Դու հիմա կամուրջ պայթեցնող ես։ Ոչ թե մտածող։ Աստված իմ, այնպես եմ քաղցած։ Հույս ունեմ, որ Պաբլոն ուտելու լավ բաներ կունենա։

Գլուխ երկրորդ

Անտառի թավուտից դուրս եկան ձորակի վերին պնակաձև հատվածը, և նա կռահեց, որ ճամբարը պետք է տեղավորված լինի այդտեղ, ծառերի ետևը, բնական սահմանագիծ հանդիսացող քարափի ստորոտին։

Կարգին ճամբար էր, լավ ճամբար։ Մինչև ընդհուպ չմոտենայիր, չէր երևում։ Օդից էլ չեն կարողանա հայտնաբերել սա, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Վերևից ոչինչ չի երևա։ Լավ էր քողարկված, ինչպես արջի որջը։ Բայց պահակային գործը կարիք ուներ ավելի լավ կազմակերպման։ Նա դրան ուշադրություն էր դարձրել դեռ այն պահից, երբ սկսել էին բարձրանալ։

Քարափի ընդերքում ընդարձակ մի քարայր էր բացված։ Մուտքի մոտ նստել էր մի մարդ։ Նա թիկունքը դեմ էր տվել ժայռին, ոտքերը երկարել էր ու հրացանը հենել պատին։ Դանակով փայտ էր տաշում։ Երբ մոտեցան, մարդը նայեց նրանց, հետո շարունակեց իր փայտը տաշել։

― Hola,[4] ― ասաց նստած մարդը։ ― Այդ ո՞վ է գալիս։

― Ծերունին ու դինամիտավորը, ― ասաց Պաբլոն և ուսապարկը ցած դրեց քարայրի մուտքի ներքնամասում։ Անսելմոն նույնպես ցած դրեց ուսապարկը։ Ռոբերտ Ջորդանը հանեց հրացանը և հենեց ժայռին։

― Քարայրին այդքան մոտիկ մի դրեք դրանք, ― ասաց կապուտաչյա, ապխտած կաշվի մուգ գույնով և գնչուի սիրուն ու ալարկոտ դեմքով մարդը, որ փայտ էր դաշում։ ― Ներսում կրակ կա։

― Վեր կաց և դիր, ա՛յ, այն ծառի տակ, ― ասաց Պաբլոն։

Գնչուն տեղից չշարժվեց, բայց այնպիսի մի բան ասաց, որ հնարավոր չէ թղթին հանձնել։

― Թող մնա, դու էլ հետը պայթիր։ Հիվանդություններդ միանգամից կբուժես, ― ասաց ծույլ֊ծույլ։

― Այդ ի՞նչ ես շինում, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը՝ նստելով գնչուի կողքին։ Գնչուն ցույց տվեց չորս թվանշանը հիշեցնող մի թակարդ, որի առանցքակալն էր հիմա տաշում։

― Աղվեսի թակարդ է, ― ասաց նա, ― գերանն ընկնում է, մեջքը ջարդում ու սպանում։ ― Նա ժպտաց Ջորդանին։ ― Ա՛յ, այսպե՛ս, ― ասաց և ցույց տվեց, թե ինչպես է թակարդը գործում, ինչպես է ընկնում գերանը, հետո թափ տվեց գլուխը, ձեռքերը կծկեց, թևերը տարածեց՝ մեջքը ջարդած աղվես պատկերելով։ ― Շատ հարմար է, ― ասաց որպես բացատրություն։

― Դրա բռնածը նապաստակ է, ― ասաց Անսելմոն։ ― Գնչու է, չէ՞։ Գնչուն եթե նապաստակ է որսում, ասում է աղվես է որսացել, իսկ եթե աղվես է որսացել, ապա ուրեմն ասելու է փիղ էր։

― Իսկ եթե փիղ որսա՞մ, ― հարցրեց գնչուն և ցույց տալով սպիտակ ատամներն՝ աչքով արեց Ռոբերտ Ջորդանին։

― Կասես տանկ էր, ― ասաց Անսելմոն։

― Ես տանկ էլ գերի կվերցնեմ, ― ասաց գնչուն։ ― Տանկը կվերցնեմ, իսկ դու այն ժամանակ, ինչ սիրտդ ցանկանա, այն էլ անվանիր։

― Գնչուները շատ խոսում են, քիչ սպանում, ― ասաց Անսելմոն։

Գնչուն նորից աչքով արեց Ռոբերտ Ջորդանին և շարունակեց տաշել։

Պաբլոն քարանձավ էր մտել ու չէր երևում։ Ռոբերտ Ջորդանը մտածեց, որ գնացել է ճաշի կարգադրություններ անելու։ Նա նստեց գետնին գնչուի կողքին, և հետմիջօրեի արևի ճառագայթները ծառերի կատարների արանքով ընկան նրա ձգված սրունքներին ու սկսեցին տաքացնել։ Քարանձավից ճաշի բույր եկավ, ձեթի, սոխի և տապակած մսի բույր, և Ռոբերտ Ջորդանն զգաց, թե ինչպես է քաղցածությունից կծկվում ստամոքսը։

Մենք կարող ենք տանկ գերի վերցնել, ― ասաց նա գնչուին։ Դա այնքան էլ դժվար չէ։

― Դրանո՞վ, ― գնչուն ցույց տվեց երկու ուսապարկերը։

― Այո, ― ասաց Ռաբերտ Ջորդանը։ ― Ես քեզ կսովորեցնեմ։ Դու թակարդ սարքում ես։ Դա ավելի հեշտ է, քան թակարդ սարքելը։

― Դու և ե՞ս։

― Այո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ինչո՞ւ չէ։

― Հե՛յ, ― ասաց գնչուն Անսելմոյին։ ― Վերցրո՛ւ, ապահով մի տեղ դիր այդ ուսապարկերը, հասկացա՞ր։ Թանկարժեք բաներ են։

Անսելմոն քրթմնջաց, հետո դարձավ Ռոբերտ Ջորդանին և ասաց․

― Գնամ տեսնեմ որտեղ գինի կա։

Ռոբերտ Ջորդանը վեր կացավ, ուսապարկերը վերցրեց քարայրի մուտքից, տարավ և հենեց մի ծառաբնի երկու հակադիր կողքերին։ Նա գիտեր դրանց պարունակությունը, այդ պատճառով էլ երբեք իրար չէր հենում։

― Ինձ համար էլ բաժակ բեր, ― ասաց գնչուն Անսելմոյին։

― Գինի կա՞, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը՝ նորից նստելով գնչուի կողքին։

― Գինի՞։ Ինչո՞ւ չէ։ Ամբողջ մի տիկ։ Կես տիկ։ Կես տիկ, հաստատ։

― Իսկ ուտելու ի՞նչ կա։

― Ամեն ինչ, բարեկամս, ― ասաց գնչուն։ ― Գեներալների պես ենք սնվում։

― Իսկ ի՞նչ են անում գնչուները պատերազմի ժամանակ, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Շարունակում են իրենց գնչուությունը։

― Լավ գործ է։

― Շատ լավ, ― ասաց գնչուն։ ― Անունդ ի՞նչ է։

― Ռոբերտո։ Իսկ քո՞նը։

― Ռաֆայել։ Իսկ այն, ինչ ասացիր տանկի մասին, լո՞ւրջ էր։

― Իհարկե։ Ինչո՞ւ չէ։

Քարայրի բերանին երևաց Անսելմոն՝ ձեռքներին կարմիր գինով լեցուն քարե խորունկ մի թաս, մատներին՝ կանթերից կախված երեք բաժակ։

― Մի տես, է՜, ― ասաց ծերուկը, ― բաժակներ էլ ունեն։ ― Նրա ետևից դուրս եկավ Պաբլոն։

― Շուտով ճաշը կբերեն, ― ասաց նա։ ― Ծխախոտ ունե՞ս։

Ռոբերտ Ջորդանը մոտեցավ ուսապարկին, բացեց մեկի բերանը, շոշափելով ներքնագրպանից հանեց ռուսական սիգարետների մի տուփ, որ տվել էին իրեն Գոլցի գլխավոր շտաբում։ Բթամատի եղունգով գիծ քաշեց տուփի կողերին և բացելով կափարիչը մեկնեց Պաբլոյին։ Սա մի կես դյուժին վերցրեց, պահեց իր հսկա ափի մեջ, հետո մեկն առավ մյուս ձեռքը և լույսի դիմաց ուշադիր նայեց։ Երկարավուն, բարակ սիգարեթներ էին, բերանի կողմը գլանաձև խավաքարտից էր։

― Օդը շատ, ծխախոտը քիչ, ― ասաց նա։ ― Ծանոթ են։ Սրանցից այն հազվադեպ անունով մարդն էր ծխում։

― Կաշկինը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և հյուրասիրեց գնչուին ու Անսելմոյին, որոնք մեկական հատ վերցրեցին։

― Էլի վերցրեց, ― ասաց նա, և նրանք մեկական հատ էլ վերցրեցին։ Նա նրանց չորսական հատ էլ տվեց և նրանք, սիգարետները ձեռքին պահած, գլխով երկու անգամ շնորհակալություն հայտնեցին, իսկ սիգարետների ցցված ծայրերը մեկ իջնում էին և մեկ էլ բարձրանում՝ ինչպես լինում է սրերով պատիվ տալիս։

― Այո, հազվադեպ անուն էր, ― ասաց Պաբլոն։

― Խմենք, ― ասաց Անսելմոն ու լցրեց բաժակներից մեկը և մեկնեց Ռոբերտ Ջորդանին, հետո լցրեց իր և գնչուի բաժակները։

― Իսկ ինձ գինի չի՞ հասնում, ― հարցրեց Պաբլոն։ Բոլորը նստել էին քարայրի մուտքում։

Անսելմոն իր բաժակը տվեց նրան և գնաց ևս մեկ բաժակ բերելու քարայրից։ Վերադարձավ, սուզեց բաժակը թասի մեջ, լցրեց բերնեբերան, և բաժակները շխկացրին։

Լավ գինի էր։ Թեև տիկը պատած խեժի համը զգացվում էր մի քիչ, բայց հիանալի գինի էր, ջինջ, թեթև։ Ռոբերտ Ջորդանը խմեց դանդաղ՝ ըմբոշխնելով հոգնած մարմնի մեջ տարածվող ջերմությունը։

― Ճաշը շուտով կլինի, ― ասաց Պաբլոն։ ― Իսկ այդ հազվադեպ անունով օտարականն ինչպե՞ս մեռավ։

― Շրջապատման մեջ է ընկել և անձնասպան է եղել։

― Իսկ ինչպե՞ս է պատահել։

― Վիրավորված է եղել և չի ուզեցել գերի ընկնել։

― Իսկ ավելի մանրամա՞սն։

― Չգիտեմ։ ― Ստեց։ Մանրամասնությունները շատ լավ գիտեր, բայց գիտեր նաև, որ այս պահին դրա մասին պետք չէ խոսել։

― Գնացքի պայթեցման ժամանակ նա մեզ ստիպում էր, որպեսզի խոստանանք սպանել իրեն, եթե վիրավորվի ու անկարող լինի հեռանալու, ― ասաց Պաբլոն։ ― Մի ուրիշ ձևով էր խոսում, տարօրինակ էր։

Ուրեմն դեռևս այն ժամանակ նա ջղագրգիռ վիճակում է եղել, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Խեղճ Կաշկին։

― Դեմ էր ինքնասպանության, ― ասաց Պաբլոն։ ― Ինքն է ասել ինձ դրա մասին։ Բայց շատ էր սարսափում տանջանքներից։

― Ա՞յդ էլ է ասել, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Այո, ― ասաց գնչուն։ ― Բոլորիս էլ ասում էր։

― Դո՞ւ էլ ես մասնակցել գնացքի պայթեցմանը։

― Այո։ Մենք բոլորս էլ մասնակցել ենք։

― Տարօրինակ ձևով էր խոսում, ― ասաց Պաբլոն։ ― Բայց շատ քաջ մարդ էր։

Խեղճ Կաշկին, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Նա այստեղ, երևի, ավելի շատ վնաս է հասցրել, քան օգուտ։ Եթե իմանայի՜, որ նա դեռևս այն ժամանակ այդպիսի ջղագրգիռ վիճակում է եղել։ Նման խոսակցություններ վարող մարդկանց այսպիսի գործեր պետք չէ հանձնարարել։ Այդպես չի կարելի խոսել։ Այդպիսի դատարկ խոսակցություններ վարող մարդկանց պատճառած վնասը ավելի մեծ է, քան տված օգուտը, նույնիսկ եթե իրենց առաքելությունը գլուխ են բերում։

― Մի քիչ տարօրինակ մարդ էր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Երևի մի փոքր խանգարված էր։

― Բայց շատ վարպետ էր պայթեցման գործում, ― ասաց գնչուն։ ― Եվ շատ քաջ էր։

― Բայց խանգարված, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Այս գործում խելք ունենալը քիչ է, պետք է նաև սառը գլուխ ունենալ։ Այդ տիպի խոսակցություններ չի կարելի վարել։

― Իսկ եթե դու վիրավորվես այդ կամրջի պայթեցման ժամանակ, պիտի ուզե՞ս, որ քեզ թողնեն այնտեղ, ― ասաց Պաբլոն։

― Լսի՛ր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և ձգվեց առաջ ու գինի լցրեց բաժակը։ ― Ուշադիր լսիր։ Եթե երբևէ որևէ խնդիրքով որևիցե մեկին դիմելու լինեմ, ապա կդիմեմ անհրաժեշտ պահին։

― Լավ է, ― հավանություն տվեց գնչուն։ ― Խելացի մարդու խոսք է։ Օհո՜, բերեցին։

― Դու արդեն ճաշել ես, ― ասաց Պաբլոն։

― Ես կարող եմ երկու այդքան էլ ուտել, ― ասաց գնչուն։ ― Մի նայի՛ր, տե՛ս, թե ով է բերում։

Քարայրի բերանից դուրս գալիս աղջիկը կռացավ, նրա ձեռներին երկաթյա մի մեծ տապակ կար։ Ռոբերտ Ջորդանը նրա դեմքը տեսավ քովնտի և հենց այդ ժամանակ էլ նկատեց այն, ինչն աղջկան արտասովոր էր դարձնում։ Աղջիկը ժպտաց և ասաց․

― Hola, ընկեր։

― Salud, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և ճիգ գործադրեց, որպեսզի շեշտակի չնայի, ոչ էլ հայացքը փախցնի։

Աղջիկը երկաթյա տապակը դրեց նրա առջև և Ջորդանի հայացքն ընկավ աղջկա գեղեցիկ թուխ ձեռքերին։ Նա հիմա ուղիղ իր դեմքին էր նայում և ժպտում։ Ատամներն սպիտակ էին, դեմքը՝ շագանակագույն, այդ նույն շիկաշագանակագույն ոսկերանգն ունեին և՛ մաշկը, և՛ աչքերը։ Այտոսկրերը ցցված էին, աչքերը՝ ուրախ, բերանը՝ ուղղագիծ, շրթները՝ հուռթի։ Մազերը ցորենի արտի արևավառ ոսկեշագանակագույն էին, սակայն՝ կարճ, փոքր֊ինչ ավելի երկար քան կուղբի մուշտակի մազերը։ Նա ժպտում էր Ռոբերտ Ջորդանին և թուխ ձեռքը սահեցնում մազերի վրայով, որոնք անմիջապես ցցվում էին, երբ հեռացնում էր ձեռքը։ Դեմքը գեղեցիկ է, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Շատ ավելի գեղեցիկ կլիներ, եթե մազերը խուզված չլինեին։

― Այսպես եմ սանրվում, ― ասաց նա Ռոբերտ Ջորդանին և ծիծաղեց։ ― Դե կերե՛ք։ Այդպես մի նայեք։ Վալլադոլիդում եմ այս սանրվածքով օժտել ինձ։ Հիմա արդեն երկարել են։

Նստեց գետնին, ուղիղ իր դիմաց և սկսեց նայել իրեն։ Ինքն էլ նայեց նրան, և աղջիկը ժպտաց ու ձեռքերն իրար կանթեց ծնկների վրա։ Սռնազգեստը ձգվեց վերև և երևացին մաքուր, երկար սրունքները։ Ռոբերտ Ջորդանը տեսնում էր աղջկա գորշ շապկի տակ ցցված փոքրիկ կրծքերը։ Ամեն անգամ, երբ հայացքը ընկնում էր աղջկա վրա, զգում էր, որ ինչ֊որ բան սեղմում է կոկորդը։

― Պնակ չկա, ― ասաց Անսելմոն, ― ոչ էլ դանակ։ Օգտագործիր քոնը։

Աղջիկը ընդամենը չորս պատառաքաղ էր բերել և ատամները դեպի ներքև՝ դրել երկաթյա տապակի կողքերին։

Բոլորն ուտում էին տապակից և ըստ իսպանական սովորության՝ լռելյայն։ Սոխով և կանաչ տաքդեղով եփված նապաստակի միս էր, կողքին՝ գինուց պատրաստած սոուսով կանաչ ոլոռ։ Լավ էր եփած, նապաստակի միսը ինքնիրեն պոկվում էր ոսկրից, իսկ սոուսն անչափ համեղ էր։ Ուտելիս Ռոբերտ Ջորդանը ևս մի բաժակ գինի խմեց։ Ճաշի ամբողջ ընթացքին աղջիկը նայում էր նրան։ Բոլորն զբաղված էին ուտելով։ Ռոբերտ Ջորդանը հացի կտորով սրբեց տապակի իր առջև գտնվող մասի սոուսը, նապաստակի ոսկորները հավաքեց մի կողմի վրա, նրանց տեղում եղած սոուսն էլ սրբեց, հետո նույն հացի կտորով սրբեց պատառաքաղը, ապա իր դանակը, որը դրեց մի կողմ և հացը տարավ բերանը։ Կռացավ, բաժակը բերնեբերան գինի լցրեց։ Աղջիկը շարունակում էր նայել նրան։

Ռոբերտ Ջորդանը բաժակի գինու կեսը խմեց, և երբ խոսեց աղջկա հետ, զգոց, որ կոկորդը նորից սեղմվեց։

― Անունդ ի՞նչ է, ― հարցրեց աղջկան։

Պաբլոն միանգամից շրջվեց Ռոբերտ Ջորդանի կողմը, երբ լսեց նրա ձայնի նոր երանգը։ Հետո վեր կացավ ու գնաց։

― Մարիա։ Իսկ ձե՞րը։

― Ռոբերտո։ Վաղո՞ւց ես այս լեռներում։

― Երեք ամիս է։

― Երեք ամի՞ս, ― և նայեց նրա խիտ ու կարճ մազերին, որ հիմա ալիքվում էին շփոթված աղջկա ետ ու առաջ վազող ձեռքի տակ, ինչպես բլրալանջին փռված ցորենի արտերը քամու ժամանակ։

― Ածիլել էին, ― ասաց աղջիկը։ ― Վալլադոլիդի բանտում կանոնավոր հաճախականությամբ ածիլում էին։ Երեք ամսում այսքան աճեցին։ Ես գնացքում էի։ Ինձ հարավ էին տեղափոխում։ Գնացքի պայթեցումից հետո բանտարկյալներից շատերին նորից բռնեցին, բայց ես չբռնվեցի։ Ես սրանց հետ եկա։

― Թաքնվել էր ժայռերի արանքում, ես գտա, երբ նահանջում էինք, ― ասաց գնչուն։ ― Այ թե տգեղ էր։ Վերցրինք, բայց ամբողջ ճանապարհին մտածում էի, որ պետք է թողած լինեինք։

― Իսկ այս մեկը, որ գնացքի ժամանակ սրանց հետ էր, այն խարտյաշ օտարականը, որտե՞ղ է, ― հարցրեց Մարիան։

― Մեռավ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ապրիլին։

― Ապրիլի՞ն։ Գնացքն էր ապրիլին։

― Այո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Նա մեռավ գնացքի պայթեցումից տասն օր հետո։

― Խեղճ մարդ, ― ասաց աղջիկը։ ― Շատ քաջ մարդ էր։ Դո՞ւք էլ եք նույն գործն անում։

― Այո։

― Գնացնքե՞ր էլ եք պայթեցրել։

― Այո։ Երեք գնացք։

― Այստե՞ղ։

― Էսթրեմադուրայում, ― ասաց նա։ ― Մինչև այստեղ գալս այնտեղ էի։ Լավ գործեր էինք անում։ Մերոնցից շատերն են Էսթրեմադուրայում։

― Իսկ հիմա ինչո՞ւ եք այս սարերն եկել։

― Խարտյաշին փոխարինելու։ Եվ, բացի այդ, ես այս կողմերին ծանոթ եմ դեռ խաղաղության օրերից։

― Եվ լա՞վ գիտեք այս վայրերը։

― Ոչ, իհարկե ոչ այնքան լավ։ Բայց ես շատ արագ եմ կողմնորոշվում։ Բացի այդ, լավ քարտեզ ունեմ և լավ առաջնորդ։

― Ծերունին, ― գլխի շարժումով հաստատեց աղջիկը։ ― Ծերունին լավն է։

― Շնորհակալություն, ― ասաց Անսելմոն աղջկան, և Ռոբերտ Ջորդանն հանկարծ զգաց, որ ինքը ու աղջիկը մենակ չեն, զգաց նաև, որ աղջկան նայելիս նույնիսկ ձայնն է փոխվում։ Նա խախտում էր իսպանախոս մարդկանց հետ խաղաղ համակեցության երկու պարտադիր կանոններից մեկը, այն է՝ տղամարդկանց ծխախոտ հյուրասիրել, կանանց հանգիստ թողնել։ Եվ նա զգաց, հանկարծ, որ ինքը հաշվի չէր նստել երկրորդ կանոնի հետ։ Բայց աշխարհում այնքան բաներ կան, որոնց հետ նա հաշվի չի նստում, ինչո՞ւ այս մեկի հետ պետք է հաշվի նստի։

― Շատ գեղեցիկ դեմք ունես, ― ասաց նա Մարիային։ ― Այ բախտս բերած կլիներ, եթե քեզ հանդիպեի մինչև մազերդ սափրելը։

― Կաճեն, ― ասաց աղջիկը։ ― Վեց ամսից հետո լավ կերկարեն։

― Դու նրան պետք է տեսնեիր, երբ գնացքից բերեցինք։ Այնքան տգեղ էր, ուղղակի զզվանք։

― Ո՞ւմ մտերիմն ես, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը, ջանալով արդեն ազատվել նրանից։ ― Պաբլոյի՞։

― Պաբլոյի՞։ Իսկ դու Պաբլոյին չտեսա՞ր։

― Դե լավ։ Ռաֆայելի։ Ռաֆայելին տեսնում եմ։

― Ոչ մեկի, ― ասաց գնչուն։ ― Շատ տարօրինակ կին է։ Ոչ մեկինը չէ։ Բայց լավ խոհարար է։

― Իսկապե՞ս ոչ մեկինը, ― հարցրեց աղջկան Ռոբերտ Ջորդանը։

― Ոչ մեկինը։ Ոչ մեկի։ Ոչ կատակով, ոչ էլ լրջորեն։ Ոչ էլ ձերը կլինեմ։

― Ո՞չ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և զգաց, որ կոկորդը նորից սեղմվում է։ ― Լավ։ Ասենք կանանց համար ես ոչ էլ ժամանակ ունեմ։ Իսկապես չունեմ։

― Ոչ իսկ տասնհի՞նգ րոպե, ― հարցրեց գնչուն ձեռ առնելով։ Քառորդ ժամ էլ չունե՞ս։

Ռոբերտ Ջորդանը չպատասխանեց։ Նա նայեց աղջկան՝ Մարիային, կոկորդը այնպես էր սեղմվել, որ չփորձեց խոսել։ Մարիան նայում էր նրան ու ծիծաղում, հետո հանկարծ շիկնեց, բայց շարունակեց նայել։

― Դու շիկնում ես, ― ասաց Ռոբերտ Ջորդանը աղջկան։ ― Հաճա՞խ ես շիկնում։

― Երբեք։

― Հիմա շիկնում ես։

― Դե ուրեմն գնամ քարայր։

― Մնա՛, Մարիա։

― Ո՛չ, ― ասաց աղջիկը և այլևս չժպտաց։ ― Արդեն պետք է քարայր գնամ։ ― Վերցրեց երկաթյա տապակը, որով ճաշն էր բերել և որի միջից կերել էին, վերցրեց չորս պատառաքաղները։ Շարժումները ձախավեր էին, բայց՝ նրբագեղ, ինչպես մտրուկինը։

― Բաժակները թողնե՞մ, ― հարցրեց աղջիկը։

Ռոբերտ Ջորդանը շարունակում էր նայել նրան, և աղջիկը նորից շիկնեց։

― Մի՛ նայեք այդպես, ― ասաց նա։ ― Ինձ դուր չի գալիս դա։

― Բաժակները թո՛ղ, ― ասաց գնչուն աղջկան։ ― Վերցրո՛ւ, ― և գինով լի բաժակը մեկնեց Ռոբերտ Ջորդանին, որը հայացքով հետևում էր երկաթյա ծանր տապակը ձեռքին քարայրի մուտքով կռացած ներս անցնող աղջկան։

― Շնորհակալություն, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Հիմա, երբ աղջիկը գնացել էր, ձայնը նորից խաղաղվել էր։ ― Սա վերջին բաժակն է։ Բավական է արդեն ինչքան խմեցինք։

― Թասը պետք է վերջացնենք, ― ասաց գնչուն։ ― Դեռ կես տիկ էլ կա։ Մի ձիաբեռ բերել ենք։

― Պաբլոյի վերջին ասպատակությունն էր, ― ասաց Անսելմոն։ ― Դրանից հետո ոչինչ չի արել։

― Քանի՞ հոգի եք այստեղ, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Յոթը հոգի և երկու կին։

― Երկո՞ւ։

― Այո։ Պաբլոյի mujer֊ը:[5]

― Իսկ որտե՞ղ է։

― Քարայրում։ Աղջիկը ճաշ եփել չգիտի։ Ես նրան գովեցի հաճոյանալու համար։ Նրա գործը Պաբլոյի mujer֊ին օգնելն է։

― Իսկ ինչպիսի՞ն է նա, Պաբլոյի mujer֊ը։

― Մի վայրենի, ― ծիծաղելով ասաց գնչուն։ ― Չտեսնված վայրենի։ Պաբլոն տգեղ է, չէ՞, բայց եթե տեսնես կնոջը, նոր կիմանաս տգեղն ինչ է։ Բայց քաջ է։ Պաբլոյից հարյուր անգամ քաջ։ Բայց վայրենի է։

― Մի ժամանակ Պաբլոն էլ քաջ էր, ― ասաց Անսելմոն։ ― Մի ժամանակ Պաբլոն կարգին մարդ էր։

― Նա ավելի շատ է մարդ սպանել, քան խոլերան, ― ասաց գնչուն։ ― Պատերազմի առաջին օրերին նա ավելի շատ մարդ է սպանել, քան տիֆը։

― Բայց ահա արդեն երկար ժամանակ է, որ muy flojo[6] է, ― ասաց Անսելմոն։ ― Շատ է թուլացել։ Սարսափում է, որ կմեռնի։

― Դա հավանաբար նրանից է, որ մի ժամանակ շատ է մարդ սպանել, ― փիլիսոփայեց գնչուն։ ― Պաբլոն ավելի շատ մարդ է սպանել, քան բուբոնային ժանտախտը։

― Դա և հարստությունը, ― ասաց Անսելմոն։ ― Մեկ էլ, որ չափից շատ է խմում։ Հիմա նա միայն մի բան է ուզում՝ matador de toros-ի նման գնա ու հանգստանա, ոնց որ ցլամարտիկ։ Բայց ո՞նց գնա։ Չի կարող։

― Եթե ռազմաճակատային գիծն անցնի, ձիերը կվերցնեն, իրեն էլ բանակ կտանեն, ― ասաց գնչուն։ ― Իսկ նա բանակում ծառայելու ոչ մի ձգտում չունի, ոնց որ ես։

― Ոնց որ բոլոր գնչուները, ― ասաց Անսելմոն։

― Իսկ ինչո՞ւ ձգտենք, ― հարցրեց գնչուն։ ― Ո՞ւմ է դուր գալիս բանակում ծառայելը։ Ի՞նչ է, հեղափոխություն ենք անում, որպեսզի բանակո՞ւմ ծառայենք։ Ես կկռվեմ, բայց բանակում ծառայել չեմ ուզում։

― Որտե՞ղ են մյուսները, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։ Նա զգում էր, որ գինին սկսել է թուլացնել մարմինը և քունը տանում է։ Մեջքի վրա գետնին պառկած նա ծառերի կատարների արանքներից տեսնում էր հետմիջօրեի ամպի ծվենները, որ շարժվում էին սարերի վրայով իսպանական երկնքում։

― Երկուսը քարայրում քնած են, ― ասաց գնչուն։ ― Երկուսը վերևում գնդացրի մոտ են, մեկն էլ ներքևում է։ Բոլորն էլ, հավանաբար, քնած են։

Ռոբերտ Ջորդանը շուռ եկավ ու կողքի պառկեց։

― Ի՞նչ գնդացիր է։

― Շատ տարօրինակ անուն ունի, ― ասաց գնչուն։ ― Հիմա չեմ հիշում։ Գնդացիր է։

Հավանաբար ձեռքի գնդացիր է, մտածեց Ռոբերտ Ջորդանը և հարցրեց․

― Իսկ քաշն ինչքա՞ն է։

― Մի հոգին թեև կարող է տանել, բայց ծանր է։ Երեք ծալովի ոտք ունի։ Վերջին լուրջ հարձակման ժամանակ ձեռք գցեցինք։ Գինուն նախորդած հարձակման։

― Ինչքա՞ն փամփուշտ ունեք։

― Անսահման, ― ասաց գնչուն։ ― Լեփլեցուն արկղ՝ այնքան ծանր, խելքից դուրս։

― Երևի հինգ հարյուր տուփ, մտածեց Ռոբերտ Ջորդանը։

― Իսկ ինչպե՞ս է լիցքավորվում, սկավառակի՞ց թե՝ ժապավենից։

― Թեթեղյա շրջանակներ են, դրված են գնդացրի վերևում։

Պարզ է, «Լյուիս» է, մտածեց Ռոբերտ Ջորդանը։

― Գնդացիրներից գլուխ հանո՞ւմ ես, ― հարցրեց ծերունուն։

― Nada, ― ասաց Ամսելմոն։ ― Բոլորովին։

― Իսկ դո՞ւ, ― դարձավ գնչուին։

― Գիտեմ, որ շատ արագ են կրակում, և փողն այնքան է տաքանում, որ եթե ձեռքդ կպավ, կայրվի, ― հպարտ֊հպարտ ասաց գնչուն։

― Այդքանը բոլորը գիտեն, ― ասաց Անսելմոն արհամարհանքով։

― Գուցե, ― ասաց գնչուն։ ― Բայց քանի որ նա ինձ հարցրեց, թե ինչ գիտեմ maquina[7]֊յի մասին, ես էլ ասացի։ ― Հետո ավելացրեց, ― ի տարբերություն սովորական հրացանից, գնդացիրը կրակում է այնքան ժամանակ, քանի ձգանը սեղմած է։

― Եթե չլռվի, փամփուշտը չհատնի կամ տաքանալուց չհալվի, ― ասաց Ռոբերտ Ջորդանը անգլերեն։

― Ի՞նչ ասացիր, ― հարցրեց Անսելմոն։

― Ոչինչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ապագան էի գուշակում անգլերեն։

― Իսկապես տարօրինակ է, ապագան ingles գուշակել, ― ասաց գնչուն։ ― Իսկ ձեռքի ափին նայելով կարո՞ս ես գուշակություններ անել։

― Ո՛չ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և գինի լցրեց բաժակը։ ― Եթե դու կարող ես, նայիր ափիս մեջ և ասա, թե այս երեք օրն ինչ է լինելու։

― Պաբլոյի mujer֊ը կարող է կարդալ ձեռքի ափի մեջ, ― ասաց գնչուն։ ― Բայց նա այնպիսի կատաղած վայրենի է, որ չգիտեմ՝ կանի թե ոչ։

Ռոբերտ Ջորդանը, հիմա արդեն նստած, մի կում գինի առավ բերանը։

― Դե բերեք տեսնենք Պաբլոյի այդ mujer֊ին, ― ասաց նա։ ― Եթե իսկապես այդքան գեշ է, տեսնենք՝ վերջանա։

― Ես նրան չեմ անհանգստացնի, ― ասաց Ռաֆայելը։ ― Նա ինձ ատելով ատում է։

― Ինչո՞ւ։

― Ինձ համարում է ժամանակ մսխող։

― Ինչպիսի՜ անարդարություն, ― խայթեց Անսելմոն։

― Տանել չի կարող գնչուներին։

― Ինչպիսի՜ սխալ, ― ասաց Անսելմոն։

― Իր մեջ էլ գնչուի արյուն է հոսում, ― ասաց Ռաֆայելը։ ― Գիտի, թե ինչ է խոսում։ ― Քմծիծաղեց։ ― Բայց այնպիսի լեզու ունի, այնպես է դաղում, ոնց որ մտրակ։ Նա իր լեզվով ուզածդ մարդու կաշին կպոկի։ Շերտ առ շերտ։ Աներևակայելի վայրենի է։

― Իսկ ինչպե՞ս է աղջկա՝ Մարիայի հետ, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Լավ։ Աղջկան սիրում է։ Թող փորձի մեկն ու մեկը մոտիկ գալ նրան, ― ասաց գնչուն, թափ տվեց գլուխը և չփփացրեց լեզուն։

― Աղջկա հետ շատ լավ է վարվում, ― ասաց Անսելմոն։ ― Նրա նկատմամբ շատ հոգատար է։

― Դու աղջկան պիտի տեսնեիր, երբ վերցրինք, գնացքի պայթեցման ժամանակ, ― ասաց Ռաֆայելը, ― շատ տարօրինակ էր, չէր խոսում, անընդհատ լալիս էր, իսկ երբ որևէ մեկը դիպչում էր, սկսում էր թրջված շան նման դողալ։ Երկար ժամանակ անցավ, մինչև որ սկսեց տեսքի գալ։ Հետո արդեն լավ սիրունացավ։ Այսօր հրաշալի էր։ Քիչ առաջ, քեզ հետ խոսելիս, հիանալի էր։ Պատկերացնո՞ւմ ես, ուզում էինք թողնել գնացքից հետո։ Է, արժե՞ր արդյոք ինչ֊որ տխուր, տգեղ և բացահայտ անպետք մի բանի համար ճամփից ետ ընկնել։ Բայց պառավը նրան պարանով կապեց, և հենց որ աղջիկը հոգնությունից կանգ էր առնում, պառավը խփում էր պարանի ծայրով՝ ստիպելով նրան, որ քայլի։ Հետո, երբ աղջիկն արդեն իսկապես չէր կարողանում քայլել, պառավը նրան շալակն առավ։ Երբ պառավը հոգնում էր, ես էի շալակում։ Բարձրանում էինք սարն ի վեր մինչև կրծքներս հասնող որոճի ու հավամրգիի մացառուտների միջով։ Երբ ես էլ արդեն հոգնեցի, Պաբլոն շալակեց աղջկան։ Բայց ինչեր էր ասում մեզ պառավը, երբ այլևս չէինք ուզում շալակել աղջկան։ ― Գնչուն թափ տվեց գլուխը, հիշելով պառավի խոսքերը։ ― Ճիշտ է, աղջիկը բարձրահասակ է, բայց ծանր չէր։ Բայց երբ շալակած քայլում ես, հետո կանգ առնում ու կրակում և նորից շալակում, ծանրությունն զգացվում է։ Իսկ պառավը գալիս էր մեր ետևից՝ Պաբլոյի հրացանը ուսին գցած, մի կողմից էլ պարանի ծայրով մտրակելով նրան, հետո նորից ստիպում էր շալակել, մի կողմից հայհոյում էր, մյուս կողմից՝ լցնում հրացանը, պայուսակից հանում էր փամփուշտները, լցնում հրացանի պահեստատուփը և հայհոյում։ Լավ էր, որ սկսեց մթնել, իսկ երբ գիշերը վրա հասավ, ամեն ինչ տեղն ընկավ, մեր բախտից էր, որ հեծելազոր չունեին։

― Երևի շատ դժվար է եղել այդ գնացքի կռվին, ― ասաց Անսելմոն։ ― Ես այստեղ չեմ եղել, ― ավելացրեց որպես բացատրություն Ռոբերտ Ջորդանին։ ― Պաբլոյի խումբն է եղել, Էլ Սորդոյինը, որին այս գիշեր կտեսնեք, և այս սարերը քաշված երկու այլ խմբեր։ Ես գնացել էի ռազմաճակատի մյուս կողմը։

― Դրանց գումարած այն հազվադեպ անունով խարտյաշը, ― ասաց գնչուն։

― Կաշկինը։

― Այո։ Դա մի անուն է, որ ոչ մի կերպ չեմ կարողանում սովորել։ Երկու հոգի էլ կային, գնդացրով։ Նրանց էլ բանակից էին ուղարկել։ Չկարողացան գնդացիրը քարշ տալ և թողեցին։ Իհարկե այն ավելի ծանր չէր, քան աղջիկը, և եթե պառավը գլխներին կանգնած լիներ, կստիպեր, որ տանեին։ ― Գլուխը թափ տվեց հիշելով այդ բոլորը և շարունակեց։ ― Ես կյանքումս այնպիսի բան չէի տեսել, ինչ տեսա այդ պայթեցման ժամանակ։ Գնացքը հանգիստ գալիս էր։ Մենք հեռվից տեսնում էինք։ Այնքան էի հուզված, ասելու չի։ Տեսնում էինք գոլորշին, հետո լսեցինք սուլոցը։ Հետո գնացքը չու֊չու֊չու֊չու֊չու֊չու անելով հանգիստ մոտեցավ, ավելի, էլ ավելի և հետո, պայթյունի պահին, շոգեքարշի անիվները ծառս եղան, ամբողջ երկիրը կարծես ծառս եղավ, սև ամպերով պատեց չորսբոլորը, մի դղրդյուն լսվեց, շոգեքարշը օդ բարձրացավ փոշու ամպերի և փայտակոճերի հետ, ոնց որ երազում, հետո ընկավ կողի վրա՝ վիրավորված մի գազանի նման և մեկ էլ, երբ դեռ թափվում էին մեզ վրա պայթյունից բարձրացած հողակույտերը, մի սպիտակ գոլորշի ժայթքեց և maquina֊ն սկսեց կրակել՝ տա֊տատ֊տա֊տատ, ― շարունակեց գնչուն՝ ցցված բթամատերը և բռունցքները վերև ներքև անելով երևակայական գնդացրի վրա։ ― Տա, տա, տատ։ Տատ, տատ, տա։ Ես կյանքումս չէի տեսել, թե ինչպես են գնացքից զինվորները փախչում և ինչպես է maquina֊ն կրակում նրանց վրա, ինչպես են մարդիկ ընկնում։ Այդ ժամանակ էր, որ ես, գլուխս կորցրած, ձեռքս դրի maquina֊յի վրա և զգացի, որ փողը կրակ է դարձել, հենց այդ պահին էլ պառավը մի ապտակ հասցրեց ու գոռաց՝ կրակի՛ր, ապո՛ւշ, կրակի՛ր, թե չէ ուղեղդ կթափեմ։ Հետո ես սկսեցի կրակել, բայց շատ դժվար էր հրացանը ամուր պահել, իսկ զինվորները փախչում էին դեպի դեպի հեռավոր բլուրի կողն ի վեր։ Ավելի ուշ, երբ մենք իջել էինք գնացքի մոտ տեսնելու, թե ինչ կա տանելու, մի սպա, ատրճանակը պահած զինվորների վրա, ստիպում էր նրանց վերադառնալ։ Ատրճանակը թափ էր տալիս ու գոռում էր զինվորների վրա, մենք անընդհատ կրակում էինք, բայց չէինք կարողանում խփել նրան։ Հետո մի քանի զինվոր պառկեցին և սկսեցին կրակել, իսկ սպան նրանց ետևում, ատրճանակը ձեռքին, ետ ու առաջ էր գնում֊գալիս, մենք չէինք կարողանում խփել նրան, իսկ գնդացրից չէր լինի նրա վրա կրակել, որովհետև գնացքը խանգարում էր։ Սպան երկու հոգու գնդակահարեց, որովհետև պառկել էին ու չէին ուզում վեր կենալ, հայհոյում էր նրանց, վերջապես վեր կացան․ նախ մեկը, հետո երկուսը, երեքը և սկսեցին վազելով գալ դեպի մեզ, դեպի գնացքը։ Հետո նորից պառկեցին ու կրակեցին։ Մենք նահանջեցինք, իսկ maquina֊ն կրակում էր մեր գլուխների վերևով։ Այդ ժամանակ էր, որ ես ժայռերի մեջ գտա աղջկան, գնացքից էր փախել, նրան էլ մեզ հետ տարանք։ Այդ զինվորները մինչև ուշ գիշեր հետապնդեցին մեզ։

― Երևում է շատ ծանր է եղել, ― ասաց Անսելմոն։ ― Ինչպիսի՜ ապրումներ եք ունեցել։

― Դա է եղել մեր միակ լավ գործը, ― լսվեց մեկի ցածր ձայնը։ ― Հիմա ի՞նչ ես անում․ դո՛ւ, ծույլ ու կեղտոտ հարբեցող, անմարդ ու անամոթ գնչուհու կեղտոտ վիժվածք։ Ի՞նչ ես անում։

― Ռոբերտ Ջորդանը տեսավ հիսունի մոտ մի կնոջ․ համարյա Պաբլոյի խոշորության, լայնքն ու երկայնքը գրեթե հավասար, հագին գեղջկական սև փեշ ու բաճկոնակ, հաստ ոտներին հաստ գուլպաներ և պարանե ներբանով կոշիկներ։ Թուխ դեմքը գրանիտյա քանդակի բնօրինակի էր նման։ Ձեռքերը մեծ էին, բայց վայելչատես, թավ, գանգուր սև մազերը հյուսված ու հավաքված էին ծոծրակի վրա։

― Պատասխանի՛ր, ― ասաց գնչուին՝ անտես անելով մյուս նստածներին։

― Խոսում էի ընկերների հետ։ Այս մեկը եկել է որպես դինամիտավոր։

― Ես դա գիտեմ, ― ասաց Պաբլոյի mujer֊ը։ ― Իսկ հիմա վեր կաց ու գնա փոխարինելու բարձրունքում պահնորդության կանգնած Անդրեսին։

― Me voy, գնում եմ, ― ասաց գնչուն և դարձավ Ռոբերտ Ջորդանին։ ― Ճաշին կհանդիպենք։

― Կատակներիդ վերջ տուր, ― ասաց կինը։ ― Իմ հաշվումներով դու այսօր արդեն երեք անգամ կերել ես։ Հիմա գնա ու Անդրեսին ուղարկիր։

― Hola, ― ասաց կինը և ժպտալով ձեռքը մեկնեց Ռոբերտ Ջորդանին։ ― Ինչպե՞ս ես, ինչպե՞ս են Հանրապետության գործերը։

― Լավ են, ― ասաց նա և փոխադարձեց նրա ջերմ գուրգուրանքը, ― և՛ իմ, և՛ Հանրապետության գործերը։

― Ուրախ եմ, ― ասաց կինը, որ նայում էր իր դեմքին և ժպտում։ Ռաբերտ Ջորդանը նկատեց, որ նա մոխրագույն գեղեցիկ աչքեր ունի։ ― Եկել ես մի նոր գնա՞ցք էլ պայթեցնելու։

― Ոչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և միանգամից վստահելով այդ կնոջը՝ շարունակեց․ ― կամուրջ։

― No es nada, ― ասաց կինը, ― կամուրջը մի բան չէ։ Դու այն ասա, հիմա որ ձիեր ունենք, ե՞րբ ենք մի նոր գնացք պայթեցնելու։

― Ավելի ուշ։ Այս կամուրջը շատ կարևոր է։

― Աղջիկն ինձ ասաց, որ քո ընկերը, նա, որ մեզ հետ էր գնացքի ժամանակ, մահացել է։

― Այո։

― Ափսոս։ Ես երբեք այդպիսի պայթեցում չէի տեսել։ Ընկերդ տաղանդավոր մարդ էր։ Ինձ շատ դուր եկավ։ Հնարավոր չէ՞ մի գնացք էլ պայթեցնել։ Այս սարերում հիմա շատ մարդիկ կան։ Շատ։ Սննդի գործը դժվարացել է։ Լավ կլիներ այստեղից գնայինք։ Ձիեր էլ ունենք։

― Պետք է այս կամուրջը պայթեցնենք։

― Որտե՞ղ է դա։

― Շատ մոտիկ։

― Ավելի լավ, ― ասաց Պաբլոյի mujer֊ը։ ― Պայթեցնենք ինչքան կամուրջ կա և հեռանանք այստեղից։ Ձանձրացել եմ այս վայրից։ Շատ մարդ է կուտակվել։ Սրա վերջը վատ կլինի։ Ճահիճ է դարձել։

Ծառերի արանքից տեսավ Պաբլոյին։

― Borracho, ― կանչեց կինը։ ― Հարբեցո՛ղ։ Փտած հարբեցող։ ― Ուրախ շուռ եկավ դեպի Ռոբերտ Ջորդանը։ ― Կաշվե ամանի մեջ գինի է թաքցրել անտառում և մեն֊մենակ խմում է, ― ասաց։ ― Մի գլուխ խմում է։ Դա կյանք չի, կործանվելու է։ Ես շատ գոհ եմ, որ եկել ես, երիտասարդ։ ― Ձեռքով խփեց Ռոբերտ Ջորդանի թիկունքին։ ― Օ՜հ, ― ասաց, ― ավելի լիքն ես, քան թվում է, ― և ձեռքը տարավ նրա ուսով՝ շապիկի վրայից շոշափելով մկանները։ ― Դե լավ։ Ես գոհ եմ, որ եկել ես։

― Ես նույնպես։

― Մենք իրար կհասկանանք, ― ասաց կինը։ ― Մի բաժակ գինի խմիր։

― Մենք հենց նոր խմեցինք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց գուցե դո՞ւ կկամենայիր։

― Չէ, մինչև ճաշը չեմ խմում, ― ասաց կինը, ― այրոց եմ ունենում։ ― Հետո նորից նկատեց Պաբլոյին։ ― Borracho: Հարբեցո՛ղ, ― գոռաց կինը և դարձավ Ռոբերտ Ջորդանին ու թափահարեց գլուխը։ ― Շատ լավ մարդ էր, ― ասաց։ Բայց հիմա արդեն վերջացած մարդ է։ Հիմա ուրիշ բան եմ ասելու, լսի՛ր։ Աղջկա հետ բարի եղիր, հոգատար։ Մարիայի։ Նա ծանր օրեր է ապրել։ Հասկանո՞ւմ ես։

― Այո։ Բայց ինչո՞ւ ես ասում։

― Ես տեսա, թե նա ինչպես քարայր վերադարձավ քեզ հանդիպելուց հետո։ Ես տեսա, թե ինչպես էր նայում քեզ մինչև քարայրից դուրս գալը։

― Մի քիչ կատակեցի հետը։

― Նա շատ վատ վիճակում էր, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Հիմա համեմատաբար լավ է, նա այստեղից պետք է հեռանա։

― Անկասկած, նրան կարելի է Անսելմոյի հետ ռազմաճակատից այն կողմ ուղարկել։

― Դու և Անսելմոն կտանեք նրան, երբ այս ամենը ավարտվի։

Ռոբերտ Ջորդանը կոկորդում ցավ զգաց, զգաց նաև, որ ձայնը խռպոտվում է։

― Կարելի է, ― ասաց նա։

Պաբլոյի mujer֊ը նայեց նրան և տարուբերեց գլուխը։

― Ա՜խ, ա՜խ, ― ասաց նա, ― բոլո՞ր տղամարդիկ այդպես են։

― Ես ոչ մի բան չեմ ասել։ Նա գեղեցիկ է։ Ինքդ էլ գիտես։

― Ոչ, նա գեղեցիկ չէ։ Բայց սկսել է գեղեցկանալ։ Երևի ա՞յդ ես ուզում ասել, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Տղամարդի՞կ։ Ամո՛թ մեզ, կանանց, որ ձեզ աշխարհ ենք բերում։ Սակայն արի լուրջ խոսենք։ Հանրապետությունը այս աղջկա նմանների համար ապաստարաններ չունի՞։

― Ունի, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Լավ ապաստարաններ ունի։ Ծովափին, Վալենսիայի մոտ։ Ուրիշ տեղերում էլ։ Այնտեղ նրան հոգ կտանեն ինչպես հարկն է, իսկ ինքը երեխաներին կխնամի, էվակուացված գյուղերից բերված երեխաներին։ Այնպես կանեն, որ աղջիկը գործը սովորի։

― Ես հենց դա եմ ուզում, ― ասաց Պաբլոյի mujer֊ը։ ― Պաբլոն արդեն սկսել է գլուխը կորցնել աղջկա պատճառով։ Նրան խորտակող մյուս պատճառն էլ դա է։ Հենց որ տեսնում է աղջկան, կարծես հիվանդ լինի։ Լավագույն ելքն այն կլինի, որ աղջիկը հեռանա այստեղից։

― Կարող ենք տանել, երբ սա ավարտվի։

― Հիմա ի՞նչ ես ասում, վստահե՞մ քեզ, դու նրա նկատմամբ հոգատար կլինե՞ս։ Այնպես եմ խոսում հետդ, կարծես հին ծանոթներ լինենք։

― Այդպես է, երբ մարդիկ հասկանում են իրար, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Նստի՛ր, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Ես քեզանից ոչ մի խոստում չեմ վերցնելու, որովհետև ինչ լինելու է, կլինի։ Բայց եթե նրան այստեղից չես տանելու, ապա խոստացիր։

― Այսինքն ինչո՞ւ, ի՞նչ կլինի, եթե չտանեմ այստեղից։

― Լսիր, ես չեմ ուզում տեսնել, թե նա ոնց է խելագարվում քո մեկնելուց հետո։ Ես արդեն տեսել եմ նրա խելագարությունը և կուշտ֊կուշտ եմ։

― Կամրջից հետո կտանենք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Եթե կամրջից հետո կենդանի մնացինք, կտանենք։

― Այդ ձևի խոսակցությունն ինձ դուր չի գալիս։ Խոսելու նման ձևը երբեք բախտավոր վախճանի չի հասցնում։

― Այդ ձևով եմ խոսում, որովհետև խոստում եմ տալիս, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես քո ասած ժանգերը կախողներից չեմ։

― Տո՛ւր տեսնեմ ափդ, ― ասաց կինը։ Ռոբերտ Ջորդանը մեկնեց ձեռքը, կինը բաց արեց ափը, առավ իր խոշոր ձեռքի մեջ, բթամատով շփեց և նայեց, նայեց ուշադիր, հետո բաց թողեց ու կանգնեց։ Նա էլ կանգնեց, և կինը նայեց նրան առանց ժպիտի։

― Ի՞նչ տեսար ափիս մեջ, ― հարցրեց նրան Ռոբերտ Ջորդանը։ ― Ես դրան չեմ հավատում։ Ասա՛, ահուդողի մեջ չեմ ընկնի։

― Ոչինչ, ― ասաց նրան կինը։ ― Ոչ մի բան չտեսա։

― Տեսար։ Ինձ համար պարզապես հետաքրքրական է։ Ես այդպիսի բաների չեմ հավատում։

― Իսկ ի՞նչ բանի ես հավատում։

― Շատ բաների, բայց ոչ դրան։

― Ինչի՞ն։

― Իմ գործին։

― Այո, ես դա տեսա։

― Ասա՛, ուրիշ ի՞նչ տեսար։

― Ուրիշ ոչ մի բան, ― ասաց կինը կտրուկ։ ― Ասացիր կամրջի գործը շա՞տ դժվար է։

― Ոչ։ Ասացի շատ կարևոր է։

― Բայց կարո՞ղ է դժվար լինել։

― Այո։ Հիմա պետք է գնամ հետախուզելու։ Քանի՞ հոգի ունեք այստեղ։

― Պիտանի՝ հինգ։ Գնչուն բանի պետք չէ, թեև վատ մարդ չէ։ Բարի սիրտ ունի։ Պաբլոյին հիմա արդեն չեմ վստահում։

― Քանի՞ վստահելի մարդ ունի Էլ Սորդոն։

― Երևի ութ։ Այս գիշեր կիմանանք։ Նա միշտ գալիս է մեզ մոտ։ Շատ գործնական մարդ է։ Նա էլ պայթուցիկ ունի։ Իհարկե, ոչ շատ։ Կխոսես հետը։

― Մա՞րդ ես ուղարկել մոտը։

― Նա ամեն գիշեր գալիս է։ Մեր հարևանն է։ Ոչ միայն ընկեր է, այլև բարեկամ։

― Ի՞նչ կարծիք ունես նրա մասին։

― Շատ լավ մարդ է։ Շատ էլ գործնական։ Գնացքի ժամանակ ահռելի էր։

― Իսկ մյուս խմբերո՞ւմ։

― Եթե ժամանակին հայտնենք, կարող ենք հավաքել մի հիսուն հրացանավոր, որոնց կարելի լինի ինչ֊որ չափով վստահել։

― Ինչպե՞ս թե ինչ֊որ չափով վստահել։

― Վստահելիությունը կախված է իրադրության ծանրությունից։

― Իսկ յուրաքանչյուր հրացանավոր քանի՞ փամփուշտ կունենա։

― Երևի քսան։ Նայած թե ինչպես կմոտենան այս գործին։ Կարող են և չմասնակցել։ Նկատի ունեցիր, որ այս կամրջի գործում ոչ փող կա, ոչ ավար, իսկ վտանգը մեծ է, դա կարելի է կռահել քո լռությունից։ Եվ վերջապես, այս բոլորից հետո, մարդիկ ստիպված են լինելու հեռանալու այս լեռներից։ Կամրջի պայթեցմանը շատերն են ընդդիմանալու։

― Պարզ է։

― Ուրեմն այսպես, ավելի լավ է դրա մասին լռես, եթե խոսելն անհրաժեշտ չլինի։

― Համաձայն եմ։

― Դե վեր կաց, գնա հետախուզիր կամուրջդ և հենց այս գիշեր էլ կզրուցենք Սորդոյի հետ։

― Հիմա, Անսելմոյի հետ կգնամ։

― Ուրեմն զարթեցրո՛ւ նրան, ― ասաց կինը։ ― Իսկ հրացան ոզո՞ւմ ես։

― Շնորհակալ եմ։ Ունենալը լավ է, բայց չեմ օգտագործելու։ Գնում եմ հետախուզելու և ոչ թե տագնապ ազդանշելու։ Շնորհակալություն այն ամենի համար, ինչ ասացիր։ Խոսելու քո այդ եղանակը ինձ շատ է դուր գալիս։

― Ջանում եմ խոսել անկեղծորեն։

― Դե ուրեմն ասա, թե ինչ տեսար ափիս մեջ։

― Ոչ, ― ասաց կինը և թափ տվեց գլուխը։ ― Ոչ մի բան չտեսա։ Գնա հետախուզիր քո կամուրջը։ Ես կհսկեմ սարքերդ։

― Ծածկի՛ր և մի՛ թող, որ որևէ մեկը ձեռք տա։ Ավելի լավ է այդտեղ մնան, քան քարայրում։

― Կծածկեմ, և ոչ ոք էլ ձեռք չի տա, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Իսկ հիմա գնա քո կամուրջը։

― Անսլեմո՛, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ձեռքը դնելով ծերունու ուսին, որ պառկած քնել էր՝ գլուխը դրած արմունկին։

Ծերունին վերև նայեց․

― Այո, ― ասաց։ ― Այո, իհարկե։ Գնանք։


Գլուխ երրորդ

Վերջին երկու հարյուր յարդն իջան մեծագույն զգուշությամբ՝ զառիթափի վերջին սոճինեերի ստվերներով, թաքնվելով ծառերի ետևում։ Ընդամենը հիսուն յարդ էր իրենց բաժանում կամրջից։ Լեռների շագանակագույն ուսերի վրայով իրիկնադեմի արևի դեռևս ընկնող շողերի տակ երևում էր դատարկության դեմ֊հանդիման կանգնած պողպատյա սև, միաթռիչ կամուրջը, որի յուրաքանչյուր ծայրին մի պահակախցիկ էր զետեղված։ Երկու ավտոմեքենա կողք֊կողքի կարող էին անցնել վրայով։ Ամրակուռ մետաղը միացնում էր խորունկ անդունդի երկու եզրերը, իսկ ներքևում մի փոքրիկ առվակ, զարկվելով ժայռերին ու գլաքարերին, ցատկոտում էր ու սպիտակին տալով գնում միանում կիրճի միջով հոսող մայր գետակին։

Արևն ընկել էր Ռոբերտ Ջորդանի աչքերին, և նա միայն կամրջի ուրվագիծն էր կարողանում տեսնել։ Հետո արևն իջավ, մայր մտավ և երբ Ռոբերտ Ջորդանը նայեց վերև՝ շագանակագույն, կլորավուն բարձունքին, որի թիկունքն էր անցել կուրացող արևը, նկատեց, որ լեռնալանջը պատված է հաճելի դալար կանաչով, իսկ կատարի մոտ հին ձյան կղզյակներ են մնացել։

Այնուհետև, օգտվելով լույսի ընձեռած վերջին փոքր հնարավորությունից, սկսեց ուշադիր զննել կամրջի կառուցվածքը։ Կրծքագրպանից հանեց նոթատետրը և արագ մի քանի գծանկար արեց։ Գծանկարների վրա պայթուցիկները չպատկերեց։ Դա հետո կանի։ Առայժմ նշեց միայն կետերը, որտեղ տեղադրվելու են պայթուցիկները, արեց այն հաշվարկով, որ պայթեցումից հետո հենասյունը պոկվի և թռիչքի մի հատվածն ընկնի անդունդը։ Դա կարելի է անել առանց ավելորդ շտապողականության, անել վարպետորեն, առանց վարանելու, պետք է ընդամենը կես դյուժին պայթուցիկ տեղադրել և կցել իրար այնպես, որ պայթյունները տեղի ունենան միաժամանակ։ Կարելի է ավելի կոպիտ ձևով էր անել, երկու շատ մեծ պայթուցիկ տեղադրել կամրջի հակադիր կողմերում և պայթեցնել միևնույն պահին։ Գծանկարներն արեց արագ, հաճույքով։ Ուրախ էր, որ վերջապես պարզել էր խնդիրը։ Ուրախ էր, որ վերջապես անցել է խնդրի կատարմանը։ Նա փակեց նոթատետրը, մատիտն անցկացրեց տետրի կազմի կաշվե օղակի մեջ, նոթատետրը դրեց գրպանը և գրպանը կոճկեց։

Այն միջոցին, երբ նա գծանկարներ անելով էր զբաղված, Անսելմոն զննում էր ճանապարհը, կամուրջն ու պահակախցիկները։ Նրան թվում էր, որ չափից ավելի են մոտեցել կամրջին և մոռացել են զգուշությունը։ Անսելմոն թեթևություն զգաց, երբ տեսավ, որ գծանկարներն արված են։

Ռոբերտ Ջորդանը կոճկեց գրպանը, պառկեց սոճու բնի ետևում ու շարունակեց իր դիտումները։ Անսելմոն ձեռքը դրեց նրա արմունկին և մատով ցույց տվեց դիմացը։

Դիմացի պահակախցիկում նստած էր ժամապահը։ Նա սվինը հագցրել էր ու հրացանն առել ծնկների արանքը։ Սիգարետ էր ծխում, գլխին գործած գլխարկ էր, հագին՝ բրդյա ծածկոցի տիպի թիկնոց։ Հիսուն յարդ հեռավորությունից դեմքը պարզ չէր երևում։ Ռոբերտ Ջորդանը հանեց հեռադիտակը, ձեռքով զգուշությամբ ծածկեց դիտապակիները, որպեսզի չփայլեն, թեև դա ավելորդ էր, քանի որ արևը մայր էր մտել։ Հեռադիտակի միջից կամուրջն այնքան մոտիկ երևաց, որ թվում էր, թե կարող է ձեռքով դիպչել բազիրքին, նա տեսնում էր ժամապահի նույնիսկ փոս ընկած այտերը, սիգարետի մոխիրը, սվինի յուղափայլը։ Իր դիմաց ցցուն այտոսկրերով ու փոս ընկած թշերով, մազակալած երեսով ու թավ հոնքերի տակ թաքնված աչքերով մի գեղջուկ էր՝ հրացանը խոշոր ձեռքերի մեջ պահած, հագին ծանր կոշիկներ, որ երևում էին թիկնոցի ծալերի տակից։ Պահակախցիկում մաշված ու սևացած կաշվով պատված գինու մի տափաշիշ էր պատից կախված և մի քանի լրագիր կար։ Հեռախոս չկար։ Կարող էր, անշուշտ, լինել այն մասում, որն իրեն չէր երևում։ Համենայն դեպս պահակախցիկից դուրս եկող լարեր չէին երևում, թեև ճանապարհի երկայնքին էլ հեռխոսագիծ կար, կամրջի վրայով էլ լարեր էին անցնում։ Պահակախցիկի կողքին երկու քարի վրա հանգչում էր փայտածխի մի կրակարան՝ սարքված նավթի թիթեղյա անոթից, որի վերևի մասը կտրել էին, իսկ կողերին ծակեր բացել։ Մեջը կրակ չկար, միայն մոխիր էր ու մի քանի սևացած թիթեղյա տուփեր։

Ռոբերտ Ջորդանը հեռադիտակը մեկնեց իր կողքին պառկած Անսելմոյին։ Ծերունին քմծիծաղեց և գլուխը բացասաբար շարժեց՝ մատով տկտկացնելով քունքին, հենց աչքի կողքը։

― Ya lo veo, տեսնում եմ, ― ասաց իսպանացին, առանց շրթունքները շարժելու, և այնպիսի մի ձևով, որ շշուկից ավելի ցածր հնչեց։ Նա նայեց ժամապահին, և, երբ Ռոբերտ Ջորդանը ժպտում էր իրեն, մի մատն ուղղեց դեպի կամուրջը, իսկ մյուսը տարավ կոկորդին և գիծ քաշեց։ Ռոբերտ Ջորդանը գլխով արեց, բայց այլևս չժպտաց։

Կամրջի հեռադիր ծայրի պահակախցիկը դիմային կողմով ուղղված էր դեպի ճանապարհը, և նրանք չէին կարող տեսնել ներսի մասը։ Ասֆալտապատ, լայն ու բարեկարգ ճանապարհը կամրջի հեռադիր ծայրում թեքվում էր դեպի ձախ ու հետո կորագծով թաքնվում էր հայացքից։ Հին ճանապարհը լայնացրել էին՝ տաշելով ապառաժյա ամրակուռ քարափը։ Կիրճի և կամրջի ձախ կամ արևմտյան կողմում մեծ, տաշած քարաբեկորներ էին շարել ճանապարհի եզրին։ Այդտեղ՝ անդունդի խորքում, կամրջի տակով անցնող առվակը խառնվում էր կիրճով հոսող գետակին։

― Իսկ մյուս պահակակետը որտե՞ղ է, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Ոլորանից հինգ հարյուր մետր ներքև։ Ճանապարհաշինության վարպետի հյուղակում, քարափի տակ։

― Այնտեղ քանի՞ հոգի են, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

Նա նորից էր հեռադիտակով նայում ժամապահին, որը պահակախցիկի փայտյա պատի վրա հանգցրել էր սիգարետը, թուղթը պատռել և ծխախոտի մնացուկը դատարկում էր գրպանից հանած կաշվե քիսիկի մեջ։ Ժամապահը վեր կացավ, հրացանը հենեց պատին, ձգվեց, հետո նորից վերցրեց հրացանը, առավ ուսին և դուրս եկավ։ Անսելմոն կպավ գետնին, Ռոբերտ Ջորդանը հեռադիտակը սահեցրեց վերնաշապիկի գրպանը և գլուխը թաքցրեց սոճու բնի ետևը։

― Այնտեղ յոթը հոգի են, մեկ էլ կապրալը, ― ասաց Անսելմոն՝ հպվելով Ռոբերտ Ջորդանի ականջին։ ― Գնչուից իմացա։

― Թող ժամապահը հեռանա, գնանք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Չափից շատ ենք մոտեցել։

― Ինչ որ պետք էր տեսա՞ր։

― Այո։ Ինչ պետք էր տեսա։

Մայրամուտից հետո, երբ արևի վերջին ճառագայթներն էլ անհետացան լեռների թիկունքում, միանգամից ցրտեց ու սկսեց արագ մթնել։

― Քեզ ի՞նչ է թվում, ո՞նց է, ― ցածրաձայն ասաց Անսելմոն, երբ ակնդետ հետևում էին կամրջի երկայնքով դեպի մյուս պահակախցիկը շարժվող թիկնոց հագած անբարետես մարմնով ժամապահին, որի սվինը փայլփլում էր աղջամուղջի վերջին շողերի տակ։

― Շատ լավ է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Շատ, շատ լավ է։

― Ուրախ եմ, ― ասաց Անսելմոն։ ― Գնա՞նք։ Հիմա արդեն չի նկատի մեզ։

Ժամապահը կանգնած էր կամրջի հեռադիր ծայրին՝ թիկունքն արած նրանց։ Անդունդից լսվում էր գլաքարերին զարկվող առվակի ջրերի աղմուկը։ Հետո մի ուրիշ աղմուկ լսվեց, հետզհետե ուժեղացող մի թնդյուն, և նրանք տեսան, որ ժամապահը նայում է վերև, նրա գործված գլխարկը սահել էր ետ։ Իրենք նույնպես վերև նայեցին։ Իրիկնային երկնքով անհավատալի արագությամբ, միալար թնդյունով ու անկյուն կազմած թռչում էին միշարժիչանի երեք ինքնաթիռ, որ արծաթին էին տալիս բարձրում՝ արևի տակավին հածող ճառագայթների տակ, և թվում էր, թե շատ փոքր են։

― Մերո՞նք են, ― հարցրեց Անսելմոն։

― Կարծես թե, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, թեև նա գիտեր, որ այդպիսի բարձրության վրա երբեք էլ հաստատ չես կարող ասել, թե ումն են։ Կարող են ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմի իրիկնային պարեկներ լինել։ Բայց մարդկանց միշտ էլ պետք է ասել, որ մերն են, եթե կործանիչներ են երևացել, դա նրանց վստահություն է ներշնչում, լավ են զգում։ Այլ բան է, երբ ռմբակոծիչներ են։

Հավանաբար Անսելմոն նույնպես լավ էր զգում։

― Մերոնք են, ― ասաց նա։ ― Moscas[8] են։ Ծանոթ եմ դրանց։

― Այո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ինձ էլ է թվում, որ Moscas են։

Ռոբերտ Ջորդանը կարող էր հեռադիտակը վերցնել և տեղնուտեղը որոշել, թե ինչ ինքնաթիռներ են, բայց գերադասեց չանել այդ բանը։ Իր համար ոչ մի նշանակություն չուներ, թե այս գիշերով թռչող ինքնաթիռները ումը կլինեն, բայց եթե ծերուկին հաճելի է, որ մերը լինեն, ինչո՞ւ նրանից խլի այդ բավականությունը։ Հիմա, երբ ինքնաթիռներն հեռանում էին Սեգովիայի ուղղությամբ, նա նկատեց, որ դրանք նման չեն ցածրադիր թևերի վրա կարմիր տարբերանշաններ ունեցող և «Բոինգ֊23»֊ին նմանվող ռուսական կանաչագույն ինքնաթիռներին, որոնց իսպանացիները Moscas անունով էին կնքել։ Գույները տարբերել հնարավոր չէր, բայց ուրվագծերն ուրիշ էին։ Ո՛չ։ Ֆաշիստական ինքնաթիռներ էին, որ պարեկությունից տուն էին դառնում։

Ժամապահը դեռ կանգնել էր կամրջի հեռադիր ծայրի պահակախցիկի մոտ՝ թիկունքն արած իրենց։

― Գնանք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Նա զգուշությամբ, ջանալով որ չնկատվի, սկսեց բարձրանալ զառիթափով, մինչև որ ժամապահի տեսադաշտից դուրս եկավ։ Անսելմոն հարյուր յարդ հեռավորության վրա հետևում էր նրան։ Ռոբերտ Ջորդանը կանգ առավ, ծերունին մոտեցավ, առաջ անցավ և մթության մեջ հաստատ քայլերով սկսեց բարձրանալ կիրճի զառիթափ լանջով։

― Ահռելի ավիացիա ունենք, ― երջանիկ ասաց ծերունին։

― Այո։

― Եվ կհաղթենք։

― Պետք է հաղթենք։

― Այո՛։ Եվ այն ժամանակ, հաղթանակից հետո, արի մեզ մոտ որսի։

― Ի՞նչ որսալու։

― Վարազ, արջ, գայլ, քարայծ։

― Որսորդություն սիրո՞ւմ ես։

― Այո՛, բարեկամս։ Ամեն ինչից ավելի։ Մեր գյուղում բոլորս էլ որսորդ ենք։ Դու չե՞ս սիրում։

― Ո՛չ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Չեմ սիրում կենդանիներին սպանել։

― Իսկ ես ընհակառակը, ― ասաց ծերունին։ ― Չեմ սիրում մարդկանց սպանել։

― Ոչ ոք չի սիրում, բացի նրանցից, ում ուղեղը պղտորված է։ ― Բայց չեմ խորշում, եթե դա անհրաժեշտ է։ Եթե դա հանուն արդար դատի է։

― Դե դա ուրիշ բան է, ― ասաց Անսլեմոն։ ― Իմ տանը, երբ ես տուն ունեի, հիմա ես տուն չունեմ, վարազների ժանիքներ կային, ես նրանց որսացել էի լեռան ստորոտի անտառներում։ Գայլի մորթիներ կային։ Այդ գայլերին ես որսացել էի ձմեռը, ձյան մեջ։ Մեկը շատ մեծ էր, դրան սպանեցի մթնշաղին, գյուղի մոտակայքում, նոյեմբերին, երեկոյան տունդարձի ճանապարհին։ Իմ տան հատակին գայլի չորս մորթի էր փռված։ Դրանք մաշվել էին ոտների տակ, բայց դրանք գայլի մորթիներ էին։ Իմ տանը քարայծի եղջյուրներ կային, ես այդ քարայծին սպանել էի Սիեռայի բարձունքներում, արծվի մի խրտվիլակ կար, թևերը բացած, աչքերն այնպես դեղին էին, այնպես իրական, կարծես կենդանի արծիվ լիներ։ Ավիլացի մի վարպետ էր սարքել։ Շատ գեղեցիկ էր։ Ես նայում էի այդ բոլորին և մեծ հաճույք էի զգում։

― Այո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Իմ գյուղի եկեղեցու դռանը արջի թաթ էր մեխված։ Ես էի այդ արջին խփել, գարնանը, բլրի լանջին, ձյան մեջ, նա այդ թաթով մի գերան էր շուռումուռ տալիս։

― Ե՞րբ ես խփել։

― Վեց տարի առաջ։ Եվ ամեն անգամ, երբ տեսնում էի եկեղեցու դռանը մեխված այդ չորացած թաթը, որ նման էր մարդու ձեռքին, բայց երկար ճիրաններ ուներ, հաճույք էի զգում։

― Հպարտանո՞ւմ էիր։

― Հպարտանում էլ էի, հիշում էլ, թե ոնց բլրի լանջին, վաղ գարնանը արջի հետ մենամարտի բռնվեցի։ Երբ մարդ ես սպանում, մեզ նման մարդ, ի՞նչ ես հիշելու, ոչ մի բան չի մնա հիշողությանդ մեջ։

― Թաթը եկեղեցու դռանը չես մեխի, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Չէ՛։ Դա խելքից դուրս վայրենություն է։ Չնայած որ մարդու ձեռքը նման է արջի թաթին։

― Մարդու իրանն էլ նման է արջի իրանին, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Արջի մորթին որ հանես, կտեսնես, թե ինչքան նման են մարդու և արջի մկանները։

― Ճիշտ է, ― ասաց Անսելմոն։ ― Գնչուներն ասում են, որ արջն ու մարդը եղբայրներ են։ Նրանք հավատում են դրան։

― Նույնն էլ Ամերիկայի հնդկացիները, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Դրա համար էլ, երբ արջ են սպանում, սկսում են արդարանալ նրա առաջ, աղաչում են, որ ների իրենց։ Գանգը դնում են մի ծառի վրա և հեռանալուց առաջ խնդրում են, որ ների։

― Ինչո՞ւ են, գիտե՞ք, գնչուներն հավատում, որ արջն ու մարդը եղբայրներ են, որովհետև, ասում են նրանք, եթե արջի մորթին, հանես, մարմինները նույնն են, որովհետև արջն էլ է գարեջուր խմում, արջին էլ է երաժշտությունը դուր գալիս, արջն էլ է սիրում պարել։

― Նույնն էլ հնդկացիները։

― Ուրեմն հնդկացինե՞րն էլ գնչու են։

― Ոչ։ Բայց արջի մասին նրանց պատկերացումը նույնն է։

― Պարզ է։ Մեկ էլ՝ ահա ինչու են գնչուներն հավատում, որ արջն ու մարդը եղբայրներ են, որովհետև նա էլ է սիրում գողությունը։

― Քո երակներում գնչուի արյուն կա՞։

― Ոչ։ Բայց շատ ծանոթներ եմ ունեցել, մանավանդ այս պատերազմի ընթացքում։ Սարերում շատ գնչուներ կան։ Ուրիշ ցեղախմբերի անդամներին սպանելը նրանց մոտ մեղք չի համարվում։ Թեև նրանք այդ բանը ժխտում են, բայց այդպես է։

― Ոնց որ մարոկցիները։

― Այո։ Բայց գնչուները շատ օրենքներ ունեն, որ վիզ չեն առնում։ Այս պատերազմի ընթացքում գնչուներից շատերը նորից սկսեցին ստորություններ անել, ոնց որ հին օրերին։

― Նրանք չեն հասկանում, թե ինչու է այս պատերազմը մղվում։ Նրանք չգիտեն, թե ինչի համար ենք մենք կռվում։

― Չգիտեն, ― ասաց Անսելմոն։ ― Նրանք գիտեն միայն, որ պատերազմ է և մարդիկ կարող են անպատիժ իրար սպանել, ոնց որ հին օրերին։

― Դու մարդ սպանե՞լ ես, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը՝ քաջալերված մթությունից ու իրար հետ անցկացրած մի օրվա ընթացքում առաջացած մտերմությունից։

― Այո։ Մի քանի անգամ։ Բայց տհաճությամբ։ Մարդ սպանելը ես մեղք եմ համարում։ Նույնիսկ ֆաշիստներին, որոնց մենք պարտավոր ենք սպանել։ Արջի և մարդու մեջ մեծ տարբերություն կա, ես այդ գնչուական զրույցներին չեմ հավատում, մարդու և կենդանու եղբայրությունս ո՞րն է։ Ո՛չ։ Ես դեմ եմ մարդու սպանության, ինչ մարդ էլ լինի։

― Չնայած դրան սպանել ես։

― Այո։ Եվ էլի եմ սպանելու։ Բայց եթե ողջ մնամ, այնպես կապրեմ, որ ոչ մեկին չվնասեմ, այն ժամանակ ևս թողություն կստանամ։

― Ումի՞ց կստանաս։

― Ի՞նչ իմանամ։ Հիմա ոչ աստված կա, ոչ որդի, ոչ էլ սուրբ հոգի, ո՞վ է թողություն շնորհելու։ Չգիտեմ։

― Դո՞ւ էլ չես հավատում, որ աստված կա։

― Չեմ հավատում, բարեկամս։ Չկա։ Եթե աստված լիներ, մի՞թե թույլ կտար, որ այս ամենը կատարվեր։ Ինչե՜ր տեսա ես իմ այս աչքերով։ Թող նրանք հավատան աստծուն։

― Նրանք հավատում են։

― Ինձ համար, ինչ խոսք, ծանր է, որ հրաժարվել եմ նրանից, որովհետև ամբողջ կյանքս հավատացյալ եմ եղել։ Բայց հիմա ամեն մարդ պետք է միայն ինքն իր խղճի առաջ պատասխանատու լինի։

― Ուրեմն ինքդ ես քեզ թողություն շնորհելու սպանություններիդ համար։

― Կարծում եմ այո, ― ասաց Անսելմոն։ ― Եթե այդպես հասկացար, թող այդպես լինի։ Բայց մարդ սպանելը մեղք է, ուզում ես հավատա աստծուն, ուզում ես մի հավատա։ Ինձ համար շատ ծանր է ուրիշի կայնքը խլելը։ Կանեմ, եթե երբևէ անհրաժեշտ լինի, բայց ես Պաբլոյի ցեղից չեմ։

― Պատերազմում հաղթելու համար թշնամիներին պետք է սպանել։ Դա հին ճշմարտություն է։

― Անշուշտ։ Պատերազմ է, պետք է սպանենք։ Բայց ես տարօրինակ մտքեր ունեմ, ― ասաց Անսելմոն։ Հիմա մթության մեջ նրանք քայլում էին իրար հպված, և Անսելմոն բարձրանալիս գլուխը մերթ ընդ մերթ շրջում էր ու ցածրաձայն խոսում։

― Ես նույնիսկ եպիսկոպոսներին չէի սպանի։ Նույնիսկ կալվածատերերին։ Ես նրանց կաշխատեցնեի, ամեն օր, մինչև կյանքի վերջը, հանդերում, սարերում, անտառներում, ոնց որ մենք ենք աշխատել, որպեսզի նրանք հասկանան, թե մարդն ինչու է ծնվել։ Ես նրանց կստիպեի, որ քնեն որտեղ մենք ենք քնում, ուտեմ ինչ մենք ենք ուտում։ Բայց գլխավորը՝ կստիպեի, որ աշխատեն։ Այդ ձևով նրանք խելքի կգան։

― Եվ կփրկեն իրենց կյանքն ու քեզ նորից կստրկացնեն։

― Սպանելով ինչի՞ կհասնես, ի՞նչ կսովորեն, ― ասաց Անսելմոն։ ― Բոլորին չես կարող ոչնչացնել, նրանց սերունդներն ավելի մեծ ատելությամբ կլցվեն։ Բանտն էլ անօգուտ բան է։ Բանտը ավելի կուժեղացնի ատելությունը։ Միայն այդքան։ Ո՛չ, մենք պետք է մեր թշնամիներին սովորեցնենք, հասկացնենք։

― Բայց, այնուամենայնիվ, դու մարդ սպանել ես։

― Այո, ― ասաց Անսելմոն։ ― Շատ անգամ, և էլի եմ սպանելու։ Բայց տհաճությամբ, և սպանությունը մեղք եմ համարում։

― Իսկ ժամապահի՞ն։ Թե՞ կատակում էիր, երբ ասում էիր ժամապահին սպանելու մասին։

― Կատակում էի։ Բայց կսպանեի ժամապահին։ Այո՛։ Անպայման, և հանգիստ խղճով, քանի որ դա մեր գործի համար է։ Բայց տյաճությամբ։

― Դա կթողնենք նրանց, ում հաճելի է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ութ և հինգ։ Տասներեք հոգի, որոնց համար դա հաճելի է։

― Այդ բանն հաճույքով անողներ շատ կան, ― ասաց Անսելմոն մթության մեջ։ ― Մենք այդպիսի մարդիկ շատ ունենք։ Ավելի շատ, քան մարտի համար պիտանիները։

― Մասնակցե՞լ ես մարտերի։

― Ոչ, ― ասաց ծերունին։ ― Պատերազմի առաջին օրերին Սոգվիայում, երբ կռիվն սկսվեց, պարտվեցինք ու փախանք։ Ես էլ փախա բոլորի հետ։ Չէինք էլ հասկանում, թե ինչ պետք է անենք, ինչպես անենք։ Կոտորակի մի հրացան ունեի, խոշոր կոտորակի, իսկ guardia civil֊ը մազուզեր ուներ, ես նրան հարյուր յարդից չէի կարող խփել, նրանք մեզ երեք հարյուր յարդի վրա էին կրակում։ Ոչխարի հոտի նման գցել էին առաջները։ ― Լռեց։ Հետո հարցրեց․ ― Ի՞նչ ես կարծում, կամրջի համար մարտ կլինի՞։

― Կարող է։

― Ես դեռ կարգին մարտ չեմ տեսել, միայն փախել եմ, ― ասաց Անսելմոն։ ― Չգիտեմ, թե ինչպես կվարվեմ։ Ծեր մարդ եմ, շփոթված։

― Ես քո կողքին կլինեմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Դու շա՞տ ես մասնակցել մարտերի։

― Մի քանի անգամ։

― Իսկ այս կամրջի մասին ի՞նչ ես մտածում։

― Նախ և առաջ մտածում եմ, թե ինչպես պայթեցնեմ։ Դա է իմ գործը։ Կպայթեցնենք, դժվար չէ։ Հետո էլ մյուս հարցերը կկարգավորենք։ Կնախապատրաստվենք։ Ամեն ինչ գրած կլինի։

― Այստեղ շատ քչերը կարդալ գիտեն, ― ասաց Անսելմոն։

― Գրավոր կտամ, բացի այդ էլ կբացատրեմ, որպեսզի պարզ դառնա։

― Ինձ ինչ հանձնարարես, կանեմ, ― ասաց Անսելմոն։ ― Բայց որ հիշում եմ Սեգովայի կռիվը, ուզում եմ պարզ իմանալ, թե ես ինչ պիտի անեմ, երբ մարտն սկսվի կամ էլ ասենք կրակոցներ սկսեցինք փոխանակել։ Իմանամ ինչ պիտի անեմ, որպեսզի ինչ վիճակի մեջ էլ ընկնենք՝ չփախչեմ։ Թե չէ հիշում եմ՝ Սեգովիայում հա փախչել էի ուզում։

― Իրար հետ կլինենք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես քեզ կասեմ, թե ինչ անես։

― Որ այդպես է, էլ հարց չունեմ, ― ասաց Անսելմոն։ ― Ինչ հրամայես, այն էլ կանեմ։

― Մեր գործը կամուրջն է, նաև մարտը, եթե տեղի ունենա, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և զգաց, որ մթության մեջ իր խոսքը փոքր֊ինչ թատերական դդուրս եկավ, բայց իսպաներեն լավ հնչեց։

― Դա շատ հետաքրքիր գործ կլինի, ― ասաց Անսելմոն։

Լսելով, թե ինչքան պարզ, համեստ ու բնական ձևով հնչեցին այդ խոսքերը, որոնց մեջ ոչ անգլիացիների երևույթները թերագնահատող, ոչ էլ ռոմանական ժողովուրդների հոխորտացող խոսքի երանգը կար, Ռոբերտ Ջորդանը մտածեց, որ ինքը շատ բախտավոր է։ Բախտավոր է, քանի որ այս ծերունին է իր կողքին, քանի որ տեսել էր կամուրջը և պարզել էր, թե ինչպես կարելի է պայթեցնել, որ այս անգամ անհրաժեշտություն չկա սովորականի պես պահակակետերը ոչնչացնելու, ինչպես հրամայել էր անել Գոլցը։ Նա համաձայն չէր Գոլցի հրամանի հետ։ Համաձայն չէր, որովհետև հասկանում էր, թե դրա կատարումից հետո ինչ կպատահի իրեն, ինչ կպատահի ծերունուն։ Շատ վատ բաներ են սպասում նրանց, ովքեր կատարելու են այդ հրամանները։

Այդ ձևով մտածելը քեզ վայել չէ, ասաց ինքն իրեն, ոչ դու, ոչ էլ որևէ մեկը թող չմտածի, թե այդ բանն իրեն չպետք է պատահի։ Ի՞նչ ես դու, ի՞նչ է ծերունին։ Ոչինչ։ Դուք գործիք եք և պետք է ձեր պարտականությունը կատարեք։ Տրված է հրամանը, անհրաժեշտ է կատարել, դու կատարող ես, հրամայված է պայթեցնել կամուրջը, պայթեցրո՛ւ, դա կարող է շրջադարձային նշանակություն ունենալ մարդկային ցեղի ճակատագրի համար։ Ինչպես որ ամեն մի բան կարող է շրջադարձային լինել այս պատերազմում։ Քեզ միայն մի բան է հանձնարարված, և դու դա պետք է կատարես։ Միայն մի բան։ Չէ մի։ Եթե մի բան լիներ, շատ հեշտ էր։ Լավ։ Բավական է նվնվաս, շաղակրատ շնորդի, ասաց ինքն իրեն։ Ուրիշ բանի մասին մտածիր։

Եվ մտածեց Մարիայի մասին, մտաբերեց նրա մաշկը, մազերը, աչքերը, բոլորն էլ ոսկու նման շիկաշագանակագույն, ճիշտ է, մազերը մի քիչ ավելի մուգ են, բայց հետագայում կթվա, թե ավելի բաց գույնի են, երբ արևը կխփի և մաշկի ողորկ երեսը կդառնա թույլ ոսկեգույն ու մի մուգ երանգ խորքերից դեպի դուրս կթափանցի։ Երևի ամբողջ մարմնի մաշկը այդպես ողորկ է, իսկ շարժումները ձախավեր են, կարծես ինչ֊որ բանից շփոթված է, ինչ֊որ ներքին, իրեն միայն հայտնի բանից, նրան թվում է, թե դա բոլորը տեսնում են, այնինչ այդպիսի բան չկա, դա միայն նրա երևակայության մեջ է։ Հիշեց, թե ինչպես էր աղջիկը շիկնել, երբ ինքը նայել էր նրան, ինչպես էր նա նստել՝ ձեռները կանթած ծնկների վրա, օձիքը բաց, կրծքերը սեղմված վերնաշապիկի տակ։ Հիշեց և զգաց, որ կոկորդը սեղմվեց, քայլելը դժվարացավ։ Հիմա Անսելմոյի հետ կողք֊կողքի լուռ առաջ էին շարժվում։ Հետ ծերունին խոսեց․

― Այս ժայռերը կանցնենք ու դուրս կգանք ճամբար։

Ժայռերի վրայով անցնելիս մթության մեջ մեկը ձայն տվեց․

― Կանգնե՛ք։ Ո՞վ է։

Լսվեց հրացանի ետ քաշվոց փակաղակի շխկոցը, հետո կոթին խփվելու ձայնը։

― Ընկերներ ենք, ― ասաց Անսելմոն։

― Ի՞նչ ընկերներ։

― Պաբլոյի ընկերները, ― ասաց ծերունին։ ― Ի՞նչ է, չե՞ս ճանաչում մեզ։

― Ճանաչում եմ, բայց կա հրաման։ Նշանաբանն ասեք։

― Չգիտենք։ Մենք ներքևից ենք գալիս։

― Գիտեմ, ― ասաց մարդը խավարի մեջ։ ― Գալիս եք կամրջից։ Ամեն ինչ գիտեմ։ Բայց հրաման տվողը ես չեմ։ Դուք պետք է նշանաբանի երկրորդ կեսն ասեք։

― Իսկ առաջին կեսը ո՞րն է, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Մոռացել եմ, ― մթության մեջ ասաց մարդն ու ծիծաղեց։ ― Լավ, ես քո ըսենցն ու ընենցը, գնա՛ ճամբար, գնա՛, քո էլ, քո պայթուցիկների էլ։

― Սա էլ քեզ պարտիզանական կարգապահություն, ― ասաց Անսելմոն։ ― Քաշի՛ր հրացանիդ շնիկը։

― Քաշված է, ― ասաց մարդը մթության մեջ։ ― Քաշել եմ բութովս ու ցուցամատով։

― Եթե մաուզերի հետ այդպես վարվես, կարող է կրակել, որովհետև փակաղակի վրա փոսորակ չունի։

― Սա հենց մաուզեր է որ կա, ― ասաց մարդը։ ― Բայց ես այնպիսի ուժեղ բութ ու ցուցամատ ունեմ, որ ասել չի լինի։ Միշտ էլ այդպես եմ ետ քաշել։

― Հրացանն ո՞ւր ես ուղղել, ― հարցրեց Անսելմոն մթության մեջ։

― Քո վրա, ― ասաց մարդը, ― հենց այն պահից, երբ փակաղակը ետ էի քաշում։ Ճամբար որ հասնես, կասես փոխարինող ուղարկեն, այնպես եմ սովածացել՝ ասելու չէ։ Ես դրա։ Նշանաբանն էլ եմ մոռացել։

― Անունդ ի՞նչ է, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Ագուստին, ― ասաց տղամարդը։ ― Անունս Ագուստին է, և տաղտուկից մեռնում եմ այս կեղտոտ տեղում։

― Կհայտնենք պատգամդ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և մտածեց․ տեսնես արդյոք aburmiento բառը, որ տաղտուկ է նշանակում իսպաներեն և որը բոլորովին էլ ռամկական բառ չէ, ուրիշ երկրներում էլ գործածո՞ւմ են գյուղացիները։ Այստեղ յուրաքանչյուր իսպանացու բերանում, ինչ դասակարգից էլ լինի, դա ամենասովորական բառերից է։

― Լսի՛ր, ― ասաց Ագուստինը և մոտեցավ ու ձեռքը դրեց Ռոբերտ Ջորդանի ուսին։ Հետո հրահանը խփեց կայծքարին, աբեթը վառեց, փչեց, որպեսզի բորբոքվի կրակը, մոտեցրեց երիտասարդի դեմքին։ ― Մյուսին նման ես, ― ասաց։ ― Բայց ինչ֊որ բանով տարբերվում ես։ Լսի՛ր, ― ասաց, իջեցրեց հրահանը և կանգնեց հրացանը ձեռքին։ ― Այն, որ կամրջի մասին ասում են, ճի՞շտ է։

― Ի՞նչ կամրջի։

― Այն կեղտոտ կամուրջը, որ պայթեցնելու ենք ու հետո էլ ռադ ենք լինելու այստեղից։

― Չգիտեմ։

― Դո՞ւ չգիտես, ― ասաց Ագուստինը։ ― Ա՛յ քեզ բան։ Հապա այդ պայթուցիկը ո՞ւմն է։

― Իմը։

― Եվ դու չգիտես, թե դա ինչի համար է։ Լսի՛ր, հեքիաթներ մի՛ պատմիր։

― Ես գիտեմ, թե ինչի համար է, դու էլ կիմանաս, երբ որ ժամանակը գա, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Իսկ հիմա գնացինք ճամբար։

― Գնա, գիտե՞ս ուր, ― ասաց Ագուստինը։ ― Քո ըսենցն ու ընենցը։ Բայց սպասիր, քեզ մի բան ասեմ, պետք կգա։ Ուզո՞ւմ ես։

― Ուզում եմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ― եթե ուշունց չէ, ― կրկնեց Ագուստինի գործածած ամենակեղտոտ հայհոյական խոսքերից մեկը։

Ագուստինը խոսում էր միայն հայհոյանքներով, նույն հայհոյանքը նա մեկ որպես ածական էր օգտագործում, մեկ որպես բայ, և դժվար էր հավատալ, թե նա առհասարակ կարող է մի նախադասություն ասել առանց հայհոյանքի։

Ագուստինը ծիծաղեց, երբ լսեց Ռոբերտ Ջորդանի հայհոյական խոսքը։

― Ես էլ այդպես եմ խոսում։ Գուցե տգեղ է։ Ի՞նչ իմանաս։ Ամեն մեկն իր ձևով է խոսում։ Լսի՛ր։ Ես այդ կամրջի դարդը չեմ։ Ոչ մի բանի էլ դարդը չեմ։ Ես տաղտուկից մեռնում եմ այս սարերում։ Թե պետք է գնանք այստեղից, գնանք։ Ի՞նչ ունեմ այստեղ։ Թողնենք֊հեռանանք։ Բայց քեզ մի բան եմ ուզում ասել։ Պայթուցիկդ լավ պահիր։

― Շնորհակալություն, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Քեզանի՞ց։

― Ոչ, ― ասաց Ագուստինը։ ― Նրանցից, ովքեր ուշունցով չեն խոսում, ոնց որ ես։

― Այսինքն, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Իսպաներեն հասկանո՞ւմ ես, ― ասաց արդեն լրջացած Ագուստինը։ ― Լավ պահիր քո այդ ըսենց ու ընենց պայթուցիկը։

― Շնորհակալություն։

― Ինձ շնորհակալություն պետք չէ։ Պայթուցիկդ լավ պահիր։

― Բա՞ն է պատահել պայթուցիկին։

― Ոչ։ Եթե պատահած լիներ, այսքան երկար լեզու չէի ծեծի հետդ։

― Այնուամենայնիվ շնորհակալություն։ Դե մենք գնացինք ճամբար։

― Գնացե՛ք, ― ասաց Ագուստինը։ ― Չմոռանաք, թող մեկին ուղարկեն, ասեք նշանաբանն իմանա։

― Ճամբարում կհանդիպե՞նք քեզ հետ։

― Անպայման, բարեկամս։ Հենց քիչ հետո։

― Գնացինք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը Անսելմոյին։

Նրանք քայլում էին մարգագետնի եզրով։ Շուրջ բոլորը գորշ մառախուղ էր։ Սոճու փշատերևով ծածկված անտառի չոր հատակից հետո այժմ ոտների տակ փափուկ ու շաղոտ խոտ էր և կոշիկների պարանե ներբաններից խոնավությունը ներս էր թափանցում։

Ծառերի արանքից մի լույս երևաց, Ռոբերտ Ջորդանը կռահեց, որ դա քարայրի մուտքն է։

― Շատ լավ մարդ է Ագուստինը, ― ասաց Անսելմոն։ ― Ճիշտ է, ուշունց շատ է տալիս և միշտ էլ կատակում է, բայց կարգին մարդ է։

― Լա՞ց ես ճանաչում։

― Այո։ Վաղուց։ Լրիվ վստահում եմ նրան։

― Իսկ այն ասա՞ծը։

― Ճիշտ է, բարեկամս։ Պաբլոյից հետո պետք է զգուշանալ, դե դու էլ տեսար։

― Իսկ ի՞նչ պետք է անենք։

― Միշտ մեկն ու մեկը պիտի պահակ կանգնի։

― Ո՞վ։

― Դու։ Ես։ Կինը և Ագուստինը։ Քանի որ նա վտանգ է զգում։

― Մինչև մեր այստեղ գալը դու գիտեի՞ր, որ վիճակն այսքան վատ է։

― Ոչ, ― ասաց Անսելմոն։ ― Նոր է այսպես դարձել։ Բայց միևնույն է, պիտի այստեղ գայինք։ Այս տեղերի տերն ու տիրակալն էլ Պաբլոն ու Էլ Սորդոն են։ Ուզենք֊չուզենք իրենց պիտի դիմենք, քանի որ մենակ չենք կարող այս գործը գլուխ բերել։

― Իսկ Էլ Սորդո՞ն։

― Լավն է, ― ասաց Անսելմոն։ ― Ինչքան որ մյուսը վատն է, այնքան էլ սա լավն է։

― Դու հիմա համոզվա՞ծ ես, որ նա բոլորովին անպետք է։

― Կեսօրից հետո անընդհատ այդ մասին եմ մտածել, քիչ առաջ էլ նորից լսեցիք։ Կարծում եմ, որ այո, իսկապես անպետք է։

― Ի՞նչ ես կարծում, ավելի ճիշտ չի՞ լինի, եթե ասենք, թե ուրիշ կամուրջ ենք պայթեցնելու և գնանք ուրիշներից օգնություն խնդրենք։

― Չի լինի։ Այստեղ դու ոչ մի բան չես կարող անել, որ նա չիմանա։ Մնում է, որ զգուշությամբ գործենք։


Գլուխ չորրորդ

Մոտեցան քարայրի մուտքին, որի առաջ կախված ծածկոցի կողքից լույսի շող էր երևում։ Ուսապարկերը ծառի բնի մոտ էին և ծածկված էին բրեզենտով։ Ռոբերտ Ջորդանը չոքեց, ձեռքը մտցրեց խոնավացած կոպիտ բրեզենտի տակ, ուսապարկի արտաքին գրպանից կաշեպատ մի տափաշիշ հանեց և սահեցրեց շալվարի գրպանը։ Հետո օղակների մեջ անցկացված սողնակները քաշեց, ուսապարկերի կապերը քանդեց, ձեռքը տարավ ու սկսեց շոշափելով ստուգել միջի իրերը։ Ուսապարկերից մեկի խորքում, տոպրակների մեջ, քառակողիկներ էին դրված, վրան՝ ծալված ննջապարկը։ Այս ուսապարկի կողպեքի սողնակը նա նորից անցկացրեց օղակի մեջ և ձեռքերը մտցրեց ու սկսեց ստուգել մյուս ուսապարկը։ Ձեռքերը կպան պայթուցիչի հնացած, փայտյա արկղի սուր կողերին, հետո սիգարի տուփին, որի մեջ զույգ լարերով փաթափված գլանաձև հրապատիճներ էին լցված (այս բոլորը նա այնպիսի բծախնդրությամբ էր փաթեթավորել ու դասավորել, ինչպես մանկության օրերին թռչունների ձվերն էր դասավորում)։ Նա շոշափեց փողից անջատված և կաշվե բաճկոնի մեջ ծրարված ավտոմատի կոթը, ուսապարկի ներքնագրպաններից մեկում դրված երկու սկավառակներն ու հինգ պահեստատուփերը, մի ուրիշ գրպանում տեղավորված պղնձալարի երկու կարժերը, մեկը՝ փոքր, մյուսն՝ ավելի մեծ և էլեկտրամեկուսիչով պատված, ապա տափակ բերանով իր աքցանն ու քառակողիկները ծակելու նպատակով վերցված հերունը։ Այդ գրպանից ռուսական սիգարետների մի մեծ տուփ հանեց, դա տվել էին Գոլցի շտաբում, ուսապարկի բերանը կապեց, կողպեքի սողնակը մտցրեց իր տեղը, կափույրներն իջեցրեց, կոճկեց և բրեզենտը նորից քաշեց ուսապարկերի վրա։ Անսելմոն քարայր էր մտել։

Ռոբերտ Ջորդանը վեր կացավ, ուզում էր հետևել Անսելմոյին, բայց հետո միտքը փոխեց, բրեզենտը գցեց մի կողմ, վերցրեց ուսապարկերը, յուրաքանչյուրը մի ձեռքով և, մի կերպ քարշ տալով, շարժվեց դեպի քարայրի մուտքը։ Մուտքի մոտ մի ուսապարկը ցած դրեց, ծածկոցը քաշեց, բռնեց կաշվե ուսափոկերը ու ծանրության տակ կռացած մտավ քարայրը։

Քարայրում տաք էր ու ծխոտ։ Մի պատի տակ սեղանն էր տեղավորված, վրան դրված էր մի շիշ, որի բերանին ճարպամոմ էին անցկացրել։ Սեղանի շուրջը նստել էին Պաբլոն, երեք տղամարդ, որոնց ծանոթ չէր, և գնչուն՝ Ռաֆայելը։ Մոմի լուսը նստածների ստվերներն էր գծում պատի վրա, Անսելմոն եկել ու կանգնել էր սեղանի մոտ։ Պաբլոյի կինը քարայրի անկյունում օջախի առաջ կանգնած փուքսով հրահրում էր փայտածխի կրակը։ Աղջիկը չոքել էր նրա կողքին և ինչ֊որ բան էր խառնում երկաթյա կաթսայում։ Երբ Ռոբերտ Ջորդանը ներս եկավ, աղջիկը կաթսայի միջից հանեց փայտյա գդալը և հայացքը հառեց նրա վրա, կրակի լույսի տակ Ռոբերտ Ջորդանը տեսավ աղջկա դեմքը, թևերը, գդալի վրայով գլորվող ու երկաթյա կաթսայի մեջ ընկնող կաթիլները։

― Այդ ի՞նչ ես քարշ տվել, ― հարցրեց Պաբոն։

― Իրերս, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և ուսապարկերը հենեց պատին՝ դռան և սեղանի արանքում։

― Դրսում ավելի լավ չէ՞ր, ― հարցրեց Պաբլոն։

― Կրակը հեռու է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Սիգարետ վերցրու։ ― Հանեց գունավոր, բանվորի մեծ պատկերով խավաքարտե տուփը, կողերին բութ մատի եղունգով գիծ քաշեց և հրեց Պաբլոյի կողմը։

Անսելմոն հումամշակ կաշվով պատած մի աթոռ բերեց նրան, և նա տեղավորվեց սեղանի շուրջը։ Պաբլոն նայեց նրան, թվում էր, թե ուզում է շարունակել խոսակցությունը, հետո շրջվեց և ձեռքը գցեց սիգարետներին։

Ռոբերտ Ջորդանը տուփը հրեց մյուսների կողմը։ Նա նրանց դեռ չէր նայում, բայց նկատեց, որ միայն մեկը սիգարետներ վերցրեց։ Ամբողջ ուշադրությունը լարել էր Պաբլոյի վրա։

― Ո՞նց են գործերդ, գնչու, ― հարցրեց Ռաֆայելին։

― Լավ են, ― ասաց գնչուն։ Ռոբերտ Ջորդանի համար արդեն պարզ էր, որ մինչև ներս գալը իր մասին են խոսել։ Նույնիսկ քնչուն էր շփոթված։

― Կինը թողնո՞ւմ է, որ նորից ուտես, ― հարցրեց Ռաբերտ Ջորդանը գնչուին։

― Այո։ Անպայման, ― ասաց գնչուն։ Հիմա նա արդեն կեսօրվա ուրախ, սրտաբաց ու կատակախոս մարդը չէր։

Պաբլոյի կինը լուռ փչում էր ածուխի կրակը։

― Ագուստին անունով մարդն ասում էր, որ տաղտուկից մեռնում է վերևում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Տաղտուկը չի սպանի, ― ասաց Պաբլոն։ ― Թող մի քիչ էլ մեռնի։

― Գինի կա՞, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը՝ դիմելով բոլորին և ձեռներով սեղանին հենված ձգվեց առաջ։

― Քիչ է մնացել, ― սրտնեղած ասաց Պաբլոն։

Ռոբերտ Ջորդանը սկսեց նայել երեք անծանոթներին, որոշեց շոշափել տիրոջ տրամադրությունը։

― Որ այդպես է, մի բաժակ ջուր տվեք։ Լսի՛ր, ― ձայն տվեց աղջկան, ― ինձ մի բաժակ ջուր բեր։

Աղջիկը նայեց կնոջը, որ լուռ կանգնել էր և բոլորովին ցույց չէր տալիս, թե լսում է, բաժակը վերցրեց, գնաց կաթսայից ջուր լցրեց ու բերեց դրեց սեղանին՝ Ռոբերտ Ջորդանի դիմաց։ Նա ժպտաց աղջկան։ Հետո որովայնի մկանները պրկեց, մի փոքր ձախ թեքվեց և ատրճանակը մեջքի վրայից սահեցրեց ազդրի կողմը։ Ձեռքը մտցրեց ետևի գրպանը, իսկ Պաբլոն անթարթ հետևում էր նրան։ Նա գիտեր, որ բոլորն են հետևում իրեն, բայց նրա ուշադրությունը միայն Պաբլոյի կողմն էր։ Գրպանից հանեց կաշեպատ տափաշիշը, վերցրեց բաժակը, ջրի կեսը խմեց և տափաշշից սկսեց դանդաղ լցնել բաժակը։

― Քեզ համար սա շատ է թունդ, թե չէ կտայի, որ խմես, ― ասաց աղջկան և նորից ժպտաց։

― Քիչ է մնացել, թե չէ քեզ էլ կտայի, ― ասաց Պաբլոյին։

― Անիսոնն ինձ դուր չի գալիս, ― ասաց Պաբլոն՝ առնելով շուրջը տարածված իրեն ծանոթ սուր հոտը։

― Ավելի լավ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ― թե չէ շատ քիչ է մնացել։

― Այդ ի՞նչ խմիչք է, ― հարցրեց գնչուն։

― Դեղ է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ուզո՞ւմ ես փորձել։

― Ինչի՞ համար է։

― Ամեն ինչի, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ամեն ինչ բուժում է։ Եթե որևէ հիվանդություն ունես, կբուժի։

― Տուր փորձեմ, ― ասաց գնչուն։

Ռոբերտ Ջորդանը բաժակը հրեց նրա կողմը։ Հույս ուներ, որ գնչուն մի կումից ավելի չի խմի այդ կաթնադեղնագույն հեղուկից։ Շատ քիչ էր մնացել։ Իսկ դրա մի բաժակը այնքան բաների էր փոխարինում հիմա։ Փոխարինում էր երեկոյան թերթերին, գիշերային սրճարաններին, շագանակենիներին, որոնք ծաղկում են այս ամսին, քաղաքի ծայրամասերի ծառուղիներով դանդաղ շարժվող ծանրաքարշ ձիերին, գրախանութներին, կրպակներին, պատկերասրահներին, Մոնսուրի զբոսայգուն, Բուֆալո մարզահրապարակին ու Բյուտ Շոմոնին, «Գարանտի տրաստ կոմպանիին» և Իլ դը լա Սիտեին, հնամենի Ֆոյոտ պանդոկին, երեկոյան ընթերցանություններին ու հանգստին։ Փոխարինում էր այն ամենին, որ եղել էին վայելք ու բավականություն մի ժամանակ, բայց հետո մոռացվել, և հիմա նորից էին հառնում հիշողության մեջ՝ այդ պղտոր, դառնահամ, լեզուն ընդարմացնող, ուղեղը տաքացնող, ստամոքսը ջերմացնող, մտքերը վերափոխող կախարդական հեղուկի ամեն մի կումի հետ։

Գնչուն դեմքը ծամածռեց ու վերադարձրեց բաժակը։

― Հոտը անիսոնի է, բայց դառն է, ոնց որ լեղի, ― ասաց նա։ ― Լավ է հիվանդ էլ մնաս, քան թե այդ դեղը խմես։

― Դա օշինդրից է այդպես, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Իսկական աբսենթի մեջ օշինդր է լինում։ Ոմանք ասում են, որ սա ուղեղը ցամաքեցնում է։ Ես դրան չեմ հավատում։ Մտքերդ են միայն վերափոխվում։ Սա պիտի լցնես բաժակի մեջ ու հետո շատ դանդաղ, կաթիլ֊կաթիլ ջուր ավելացնես վրան, իսկ ես ջրի վրա լցրեցի աբսենթը։

― Դու այդ ի՞նչ ես պատմում, ― բարկացած ասաց Պաբլոն՝ նրա խոսքերի մեջ ծաղր զգալով։

― Բացատրում եմ, թե ինչ դեղ է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և քմծիծաղեց։ ― Մադրիդում եմ գնել։ Վերջին շիշն էր, երեք շաբաթ է արդեն։ ― Նա մի մեծ կում արեց և մի հաճելի թմրություն զգաց լեզի վրա։ Նայեց Պաբլոյին ու նորից քմծիծաղեց։

― Հետո՞, ասա տեսնենք, ո՞նց են գործերդ, ― հարցրեց Պաբլոյին։

Պաբլոն չպատասխանեց։ Ռոբերտ Ջորդանն սկսեց ուշադրությամբ նայել երեք անծանոթ սեղանակիցներին։ Մեկի դեմքը լայն էր ու տափակ, տափակ ու դարչնագույն, ոնց որ սեռանոյան ապուխտ, քիթը նույնպես տափակ էր ու ջարդված, բերանի անկյունում դրված ռուսական սիգարետը էլ ավելի էր ընդգծում դեմքի տափակությունը։ Մազերը կարճ էին ու մոխրագույն, մորուքը նույնպես, հագել էր, ինչպես գրեթե բոլորն այդ վայրերում, սև բաճկոն և օձիքը կոճկել էր։ Այն պահին, երբ Ռոբերտ Ջորդանը նայում էր նրան, տղամարդը աչքերն իջեցրել էր ու անթարթ հայացքը գցել էր սեղանին։ Մյուս երկուսը հավանաբար եղբայրներ էին։ Շատ էին նման, երկուսն էլ կարճահասակ, պնդակազմ, սևահեր, մազերը թափված ճակատին, աչքերը մուգ, մաշկը թուխ։ Մեկի ճակատին, ձախ աչքի վերևում, սպի կար։ Նա նայում էր նրանց, նրանք էլ իր վրա էին հառել անթարթ հայացքները։ Մեկը քսանվեց֊քսանութ տարեկան կլիներ, մյուսը՝ երևի մի երկու տարով մեծ։

― Այդ ինչի՞ վրա ես այդպես նայում, ― հարցրեց սպիավոր եղբայրը։

― Քո վրա, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Եվ ի՞նչ արտակարգ բան տեսար։

― Ոչ մի, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Սիգարետ վերցրու, չե՞ս ուզում։

― Ինչո՞ւ չեմ ուզում, ― ասաց եղբայրը։ Նա դեռ չէր վերցրել։ ― Այն մեկն էլ էր այս սիգարետներից ծխում։ Գնացքինը։

― Դու է՞լ ես մասնակցել գնացքի պայթեցմանը։

― Մենք բոլորս էլ մասնակցել ենք, ― հանգիստ ասաց եղբայրը։ ― Բոլորս, բացի ծերուկից։

― Մեզ հիմա հենց այդպիսի բան է պետք, ― ասաց Պաբլոն։ ― Մի նոր գնացք։

― Կարող ենք անել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Կամրջից հետո։

Նա նկատեց, որ Պաբլոյի կինը շրջվել է ու ականջ է դնում։ Կամուրջ բառից հետո լռություն տիրեց։

― Կամրջից հետո, ― վճռականապես կրկնեց Ռոբերտ Ջորդանն ու մի կում աբսենթ առավ բերանը։ Պիտի խոսես, մտածեց նա, ուզես թե չուզես։ Մեկ է, այս խոսակցությունից խուսափել չես կարող։

― Կամրջի պայթեցմանը ես չեմ մասնակցի, ― ասաց Պաբլոն ու հայացքն իջեցրեց։ ― Ոչ ես կմասնակցեմ, ոչ էլ իմ մարդիկ։

Ռոբերտ Ջորդանը ոչ մի խոսք չասաց։ Նա նայեց Անսելմոյին, բարձրացրեց բաժակն ու ասաց․

― Ուրեմն, ծերուկ, երկուսով ենք պայթեցնելու։

― Առանց այս թուլամորթի, ― ասաց Անսելմոն։

― Ի՞նչ ասացիր, ― հարցրեց Պաբլոն ծերունուն։

― Քեզ ինչ։ Քեզ հետ չեմ խոսում, ― ասաց Անսելմոն։

Ռոբերտ Ջորդանը հայացքը շրջեց Պաբլոյի կնոջ կողմը։ Սա դեռ լսում էր և խոսակցությանը խառնվելու նշաններ ցույց չէր տալիս։ Կինը ցածրաձայն մի բան ասաց աղջկան, սա վեր կացավ կրակի առջևից, սահեց պատի կողքով, մի կողմ քաշեց քարայրի ծածկոցն ու դուրս եկավ։ Կարծես թե ուզում է խառնվել խոսակցությանը, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Այո, այդպես է երևում։ Չէի ուզի, որ այսպես ստացվեր, բայց եթե ուրիշ հնար չկա՞։

― Ուրեմն առանց քո օգնության կպայթեցնենք կամուրջը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը Պաբլոյին։

― Ո՛չ, ― ասաց Պաբլոն, և Ռոբերտ Ջորդանը տեսավ, թե ինչպես նրա երեսը քրտինքով պատվեց։ ― Այստեղ դու կամուրջ չես պայթեցնի։

― Չէ՞։

― Դու կամուրջ չես պայթեցնի, ― ծանր֊ծանր ասաց Պաբլոն։

― Իսկ դու ի՞նչ կասեիր, ― դիմեց Ռոբերտ Ջորդանը Պաբլոյի կնոջը, որը հանգիստ և հսկայամարմին կանգնել էր օջախի կողքին։ Կինը շրջվեց նրանց կողմն ու ասաց․

― Ես կողմ եմ կամրջի պայթեցմանը։ ― Կրակի լույսն ընկել էր նրա դեմքին, նա կարմրել էր, ավելի թխացել, մի տաք փայլ էր ստացել ու գեղեցկացել։ Այդպես էլ պետք է լիներ։

― Ի՞նչ ասացիր, ― հարցրեց Պաբլոն ու շրջվեց կնոջ կողմը։ Ռոբերտ Ջորդանը նրա հայացքում նկատեց դավաճանության զոհ դարձած մարդու արտահայտություն, տեսավ, թե ինչպես է քրտնակալել նրա ճակատը։

― Ես կողմ եմ կամրջի պայթեցմանը և դեմ եմ քեզ, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Ուրիշ ոչինչ։

― Ես էլ եմ կողմ կամրջին, ― ասաց տափակ դեմքով ու ջարդված քթով մարդը և ծխախոտի մնացուկը հանգցրեց սեղանին։

― Ես կամրջի հետ գործ չունեմ, ― ասաց եղբայրներից մեկը։ ― Ես կողմ եմ Պաբլոյի mujer֊ին։

― Ես էլ, ― ասաց մյուս եղբայրը։

― Ես էլ, ― ասաց գնչուն։

Ռոբերտ Ջորդանը ձեռքն իջեցրել էր ցած, դրել ատրճանակին ու հետևում էր Պաբլոյին։ Նա պատրաստ էր ամեն րոպե սեղմելու բլթակը, եթե անհրաժեշտ լիներ, բայց մտածում էր, որ լավ կլինի, եթե դրա կարիքը չզգացվի, թեև հարցը լուծելու ամենապարզ ու ամենահեշտ եղանակը դա է։ Հիմա արդեն ինչ֊որ լավ բան էր նկատվում, պետք չէ գործը փչացնել, մանավանդ որ գիտի, թե ինչպես կարող է միանգամից ամեն ինչ շուռ գալ, երբ գործը հասնի կռվի․ ողջ ընտանիքը, տոհմը, ողջ խումբը կարող են դուրս գալ օտարականի դեմ, բայց այնուամենայնիվ, մտածում էր նա, եթե գործն այդպիսի ընթացք է ստացել, ամենապարզ, ամենալավ և հարցի ամենաճիշտ վիրաբուժական լուծումը բլթակը սեղմելն է։ Նա հետևում էր նաև Պաբլոյի կնոջը, որը հպարտ, ամուր ու առողջ կանգնել էր և շիկնած լսում էր երդումի նման արտասանվող խոսքերը։

― Ես Հանրապետության հետ եմ, ― երջանկությամբ ասաց Պաբլոյի կինը։ ― Իսկ Հանրապետությունը կամրջի պայթեցումն է։ Հետագայում ժամանակ կունենանք ուրիշ ծրագրեր էլ գլուխ բերելու։

― Այդպես ես կարծում, հա՞մ ― դառնացած ասաց Պաբլոն։ ― Դո՛ւ, ցուլի քո այդ ուղեղով ու պոռնիկի քո այդ սրտով։ Դու կարծում ես, որ կամրջից հետո դեռ հետագա է լինելու, հա՞։ Դու հասկանո՞ւմ ես, թե ինչ է լինելու։

― Այն, ինչ որ պիտի լինի, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Ինչ֊որ պիտի լինի, այն էլ կլինի։

― Եվ քեզ համար ոչ մի նշանակություն չունի՞, որ այս անօգուտ գործից հետո մեզ որսերի պես կհետապնդեն։ Որ կմեռնենք։

― Ոչ մի, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Եվ չփորձես ինձ վախեցնել, թուլամո՛րթ։

― Թուլամորթ, ― դառնացած ասաց Պաբլոն։ ― Թուլամորթ եմ, որովհետև գիտեմ, թե ինչ բան է տակտիկա ասվածը։ Որովհետև գիտեմ, թե ինչ է լինելու այս խելագարության արդյունքը։ Եթե մեկը գիտի, թե ինչ բան է հիմարությունը, չի նշանակում, որ նա թուլամորթ է։

― Իսկ եթե գիտի, թե ինչ բան է թուլամորթությունը, դա նույնպես չի նշանակում, որ նա հիմար է, ― ասաց Անսելմոն, որն արդեն չէր կարողացել խոսքն եկած տեղը լռել։

― Դու մեռնել ուզո՞ւմ ես, ― լրջորեն հարցրեց Պաբլոն, և Ռոբերտ Ջորդանը նկատեց, որ դա հռետորական հարց չէ։

― Ո՛չ։

― Ուրեմն բերանիդ չափն իմացիր։ Շատ ես խոսում, հասկանում ես, չես հասկանում, մեկ է։ Չե՞ս տեսնում, որ սա լուրջ բան է, ― ասաց համարյա ողբագին։ ― Ի՞նչ է, միայն ե՞ս եմ այստեղ, որ տեսնում եմ, թե սա ինչ լուրջ բան է։

― Երևի այո, միայն դու, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Այո՛, Պաբլո՛, այո՛, ծերո՛ւկ։ Միայն դու։ Մեկ էլ ես։ Դու ես տեսնում, մեկ էլ ես, կինը չի տեսնում, նա կարդաց ափիս մեջ, բայց տակավին չի տեսնում։ Տակավին չի տեսնում։

― Ի՞նչ է, հենց այնպե՞ս եմ դարձել ձեր առաջնորդը, ― հարցրեց Պաբլոն։ ― Ես գիտեմ, թե ինչ եմ խոսում։ Դուք չգիտեք։ Այս ծերուկը հիմարություններ է դուրս տալիս։ Ո՞վ է սա, ընդամենը սուրհանդակ, մեկ էլ օտարականների ուղեկցորդ։ Այս օտարականը այս գործն անում է օտարականների օգուտի համար։ Իր օգուտի համար մենք պետք է զոհվենք։ Ես մեր լավն եմ ուզում, մեր ապահովությունը։

― Ապահովություն, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Այդպիսի բան չկա։ Այնքան մարդ է հիմա այստեղ ապահովություն փնտրում, որ վտանգը գնալով մեծանում է։ Ապահովության ետևից որ ընկնենք, ունեցածներս էլ կկորցնենք։

― Նա եկել և շերեփը ձեռքին կանգնել էր սեղանի կողքին։

― Ապահովություն կա, ― ասաց Պաբլոն։ ― Ապահով լինելու համար պետք է իմանաս, թե ինչպես շարժվես, որ վտանգը կողքովդ անցնի։ Ոնց որ ցլամարտիկներն են անում, վտանգն անցնում է կողքներով, իսկ իրենք մնում են անվնաս։

― Մինչև կոտոշահարվելը, ― դառնությամբ ասաց կինը։ ― Այդ խոսքերը ինչքան ասես լսել եմ մատադորներից, բայց մեկ է, մի օր կոտոշահարվել են։ Այնքան էր Ֆինիտոն ասում, որ ամեն ինչ գործն իմանալուց է կախված, որ ցուլը երբեք չի կարող կոտոշահարել մարդուն, եթե մարդն ինքը չնետի իրեն նրա կոտոշների վրա։ Նրանք միշտ էլ այդպես պարծենկոտ֊պարծենկոտ խոսում են, բայց մեկ է, մի օր կոտոշահարվում են։ Մենք էլ վեր ենք կենում ու հիվանդանոց այցելության ենք գնում։ ― Նա սկսեց այցելության ժամանակ տեղի ունեցած խոսակցության տնազն անել ու որոտաց․ ― Ողջույն երկարակյաց։ Ողջույն։ ― Հետո հիվանդ ցլամարտիկի նվաղուն ձայնը նմանակելով ասաց․ ― Buenas, compadre։[9]Մանչուկ։</ref> ո՞նց պատահեց այս կեղտոտ փորձանքը։ ― Եվ նորից հոգնած ու ցածրաձայն ասաց։ ― Դատարկ բան է, կին։ Դատարկ բան է, Պիլար։ Չպիտի պատահեր։ Ախր լավ էի խփել, հասկացիր։ Ավելի լավ հնարավոր էլ չի խփել։ Խփել էի տեղը տեղին, արդեն ծնկները երերում էին, հենց այն էր ծալվելու էին մարմնի ծանրության տակ, ես էլ սկսեցի հպարտ֊հպարտ հեռանալ, մեկ էր ետևիցս փափուկ տեղիս միջով կոտոշը խրեց մինչև լյադրս։ ― Կինը ծիծաղեց և դադարելով ցլամարտիկի կանացի ձայնը նմանակելուց, նորից որոտաց։ ― Այդ էլ քեզ ապահովություն։ Ի՞նչ է, իզո՞ւր եմ ինը տարի աշխարհի ամենաձախողակ մատադորների հետ ապրել։ Վախն էլ գիտեմ, ապահով լինելն էլ։ Ինչ խոսում ես խոսիր, ապահովության մասին չխոսես։ Հիմա դառնամ քեզ։ Ինչպիսի՜ երազներով կապվեցի քեզ հետ։ Հետո ի՞նչ դուրս եկավ, ընդամենը մեկ տարի է անցել պատերազմն սկսվելու օրից, և տես, թե ինչ ես դարձել։ Անբան, հարբեցող, թուլամորթ։

― Դու իրավունք չունես ինձ հետ այդ ձևով խոսելու, ― ասաց Պաբլոն։ ― Մանավանդ ուրիշների մոտ, օտարականի մոտ։

― Միայն այդ ձևով եմ խոսելու, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Չլսեցի՞ր, թե ինչ ասացին մարդիկ։ Կարծում ես, թե տակավին դո՞ւ ես հրամանատարը։

― Այո, ― ասաց Պաբլոն։ ― Հրամանատարը ես եմ։


― Վերջ տուր կատակներիդ, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Հրամանատարը ես եմ։ Լսեցիր չէ՞, la gente, մարդկանց կարծիքը։ Միակ հրամանատարը ես եմ։ Եթե ցանկանում ես, կարող ես մնալ այստեղ, կարող ես ուտել մեզ հետ, գինի խմել, բայց չափը չանցնել, կարող ես մասնակցել մեր գործերին, եթե ցանկանաս։ Բայց իմացիր, հրամանատարը ես եմ։

― Ես քեզ կգնդակահարեմ, քեզ էլ, օտարականին էլ, ― մռայլված ասաց Պաբլոն։

― Փորձի՛ր, ― ասաց կինը։ ― Կտեսնես, թե ինչ կգա գլուխդ։

― Մի բաժակ ջուր տվեք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը՝ հայացքը չկտրելով մռայլված, ծանրախոհ տղամարդուց, միաժամանակ հետևելով կնոջը, որը հպարտ ու ինքնավստահ կանգնել էր սեղանի կողքին և բարձր ու տիրականորեն պահել էր շերեփը ձեռքի մեջ, որպես գայիսոն։

― Մարիա՛, ― ձայն տվեց Պաբլոյի կինը, և երբ աղջիկն երևաց, ասաց․ ― ընկերոջը ջուր բեր։

Ռոբերտ Ջորդանը ձեռքը տարավ գրպանը տափաշիշը հանելու և այդ միջոցին էլ ատրճանակի պատյանը բացեց և դրեց ազդրի վրա։ Հետո իր դատարկված բաժակի մեջ աբսենթ լցրեց և սկսեց աղջկա բերած ջուրը կաթիլ֊կաթիլ լցնել աբսենթի վրա։ Աղջիկը կանգնել էր կողքին ու դիտում էր։

― Դուրս արի, ― ասաց Պաբլոյի կինը աղջկան և գդալով ցույց տվեց քարայրի մուտքը։

― Ցուրտ է դրսում, ― ասաց աղջիկը և, այտը հպած Ռոբերտ Ջորդանին, շարունակեց նայել պղտորվող հեղուկին։

― Գուցեև այդպես է, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Բայց այստեղ էլ չափից ավելի շոգ է։ ― Հետո մեղմ ձայնով ավելացրեց․ ― Քիչ մնաց։

Աղջիկը գլուխը կախեց ու գնաց։

Երևի այլևս չի կարողանա համբերել, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Մի ձեռքով պահեց բաժակը, մյուսը, արդեն բացահայտորեն, տարավ ատրճանակին, ապահովիչն իջեցրեց և, երբ առավ ափի մեջ, զգաց, թե ինչպիսի հանգստությամբ համակվեց ողորկ ու մաշված փոսորակի և ձգանի սառն կեռիկի մտերմիկ հպումից։ Պաբլոն հիմա իրեն չէր նայում։ Նայում էր միայն կնոջը։ Կինը շարունակեց։

― Լսի՛ր, հարբեցող։ Հիմա հասկացա՞ր, թե ով է այստեղ հրամանատարը։

― Ես եմ հրամանատարը։

― Ո՛չ, մազակալած ականջիդ կեղտը մաքրի՛ր ու լսի՛ր։ Լավ լսիր։ Այստեղ հրամայում եմ ես։

Պաբլոն նայում էր նրան, բայց դեմքի արտահայտությունից հնարավոր չէր կռահել, թե ինչ էր մտածում։ Նայում էր կնոջը բավական ինքնավստահ, հետո շրջվեց և զննող ու երկարատև հայացքով նայեց սեղանի մյուս ծայրին նստած Ռոբերտ Ջորդանին, հետո նորից դարձավ կնոջ կողմը։

― Լավ։ Դու հրամայիր, ― ասաց նա։ ― Եթե ուզում ես, նա էլ կարող է հրամայել։ Եվ երկուսդ էլ կարող եք գնալ գրողի ծոցը։ ― Նայում էր ուղիղ կնոջ դեմքին և հայացքի մեջ ոչ նվաստացման նշույլ կար, ոչ էլ վախի։ ― Գուցև ճիշտ է, որ ծույլ եմ։ Գուցեև շատ եմ խմում։ Հնարավոր է։ Կարող ես նաև ինձ թուլամորթ համարել, կարող ես, բայց իմացիր, դա ճիշտ չէ։ Ես հիմար չեմ։ ― Լռեց։ ― Հրամայիր, եթե դա քեզ համար հաճելի է։ Իսկ հիմա, եթե դու կին ես և ոչ թե միայն հրամանատար, մի բան տուր ուտենք։

― Մարի՛ա, ― ձայն տվեց Պաբլոյի կինը։ Քարայրի մուտքի ծածկոցը քաշվեց և երևաց աղջկա գլուխը։ ― Արի ընթրիքը մատուցիր։

Աղջիկը ներս եկավ, գնաց օջախի կողքի ցածրիկ սեղանի վրայից վերցրեց էմալապատ ամաններն ու բերեց դրեց սեղանին։

― Գինի կա, բոլորին կհերիքի, ― ասաց Պաբլոյի կինը Ռոբերտ Ջորդանին։ ― Ուշադրություն մի՛ դարձրու այդ հարբեցողի ասածներին։ Սա էլ որ վերջանա, նորը կճարենք։ Վերջացրո՛ւ քո այդ տարօրինակ խմիչքն ու գինի լցրու բաժակդ։

Ռոբերտ Ջորդանը մի շնչով կուլ տվեց մնացած աբսենթը և զգաց, որ մի ներքին, աննկատելի, խոնավ գոլորշու նման թեթև ջերմություն տարածվեց մարմնում, քիմիական ռեակցիաներից առաջացող ջերմություն։ Դատարկ բաժակը տվեց աղջկան, նա թասից գինի լցրեց և ժպտաց իրեն։

― Հետո՞, տեսա՞ր կամուրջը, ― հարցրեց գնչուն։ Մյուսները, որ հպատակությունները փոխելուց հետո բերանները փակ նստել էին, ձգվեցին առաջ, որպեսզի լսեն խոսակցությունը։

― Այո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Հեշտ գործ է։ Ուզո՞ւմ եք ցույց տամ։

― Այո, բարեկամ։ Հետաքրքիր է։

Ռոբերտ Ջորդանը կրծքագրպանից հանեց նոթատետրը և ցույց տվեց գծանկարները։

― Տես, ինչքան նման է, ― ասաց տափակադեմ մարդը, որի անունը Պրիմիտիվո էր։ ― Կամուրջն է, որ կա։

Ռոբերտ Ջորդանը մատիտի ծայրով ցույց էր տալիս, թե որտեղ են դրվելու պայթագլանիկները, բացատրում էր, թե ինչու են դրվելու այդ տեղերում և ինչպես է պայթեցվելու կամուրջը։

― Ինչքա՜ն պարզ է, ― ասաց սպիավոր եղբայրը, որի անունը Անդրես էր։ ― Իսկ ինչպե՞ս ես դրանք պայթեցնելու։

Ռոբերտ Ջորդանը դա էլ բացատրեց, և այն պահին, երբ ցույց էր տալիս, թե ինչպես է արվում այդ ամենը, զգաց, որ աղջկա թևն իր ուսին է։ Պաբլոյի կինը նույնպես լսում էր բացատրությունները։ Միայն Պաբլոն էր, որ ոչ մի հետաքրքրություն չէր ցուցաբերում։ Նստել էր և մերթ ընդ մերթ սուզում էր բաժակը կողքի գինու թասի մեջ, որ քարայրի մուտքի ձախ կողմում կախված տիկից լցրել էր Մարիան, և խմում էր։

― Այսպիսի բաներ շա՞տ ես արել, ― ցածրաձայն հարցրեց աղջիկը։

― Այո։

― Իսկ մենք կտեսնե՞նք, թե ոնց է լինելու։

― Այո։ Ինչո՞ւ չէ։

― Կտեսնեք, ― ասաց սեղանի ծայրից Պաբլոն։ ― Ես համոզված եմ, որ կտեսնեք։

― Լռի՛ր, ― ասաց Պաբլոյի կինը և հանկարծ, երբ հիշեց, թե ինչ էր տեսել կեսօրին Ռոբերտ Ջորդանի ափը նայելիս, գոռաց՝ վայրի, խելահեղ զայրույթով․ ― լռի՛ր, թուլամորթ։ Չկռռաս, ագռավ։ Լռի՛ր, մարդասպան։

― Լավ, ― ասաց Պաբլոն։ Լռում եմ։ Դու հրամանատար ես և պետք է նայես այդ սիրուն պատկերներին։ Բայց հիշիր, ես հիմար չեմ։

Պաբլոյի կինն զգաց, որ կատաղությունը փոխվում է ցավի, հույսերի ու խոստումների խորտակման մի հին զգացողության, որը ծանոթ էր իրեն դեռ այն օրերից, երբ փոքրիկ աղջիկ էր, և գիտեր, թե իր ամբողջ կյանքի ընթացքում ինչեր են հետևել դրան։ Հիմա նորից հանկարծակի հայտնվել է այդ զգացողությունը, և կինը փորձեց հեռացնել այն իրենից, չթողնել, որ դիպչի իրեն, դիպչի Հանրապետությանը, ու ասաց․

― Հացի նստենք։ Մարի՛ա, ամանները լցրո՛ւ։


Գլուխ հինգերորդ

Ռոբերտ Ջորդանը մի կողմ քաշեց քարայրի մուտքի առաջ կախված տապճակը, դուրս եկավ ու լիաթոք շնչեց գիշերային սառն օդը։ Մշուշը ցրվել էր, հայտնվել էին աստղերը։ Քամի չկար։ Հիմա, երբ դուրս էր եկել քարայրից, որտեղ տաք ու հեղձուցիչ օդում ծխախոտի ու փայտածուխի ծխին էին խառնվել բրնձի, մսի, շաֆրանի, կարմիր տաքդեղի, ձեթի, հատակին թափված գինու, քարայրի մուտքի կողքին վզից կախված և ոտներն օդում չռված տկի խեժի հոտը, սխտորի կապերի կողքին առաստաղից կախված և իրեն անծանոթ խոտերի հաճելի բուրմունքը, հիմա՝ կարմիր գինուց ու սխտորից բերանում առաջացած պղնձի համից հետո, սեղանի շուրջ նստած մարդկանց շորերին կպած մարդկային ու ձիու քրտնքի հոտից հետո (մարդկային քրտինքը՝ սիրտ խառնող քաղցրավուն հոտով), Ռոբերտ Ջորդանը լիաթոք շնչեց գիշերվա մաքուր, լեռնային օդը, որ սոճու և գետակի կողքին փռված մարգագետնի շաղոտ բույրով էր լցված։ Առատ ցող էր իջել, որովհետև քամին դադարել էր, Ռոբերտ Ջորդանը մտածեց, որ առավոտյան դեմ կցրտի։

Նա կանգնեց, խոր շնչեց ու ականջ դրեց գիշերային ձայներին։ Նախ շատ հեռվից կրակոց լսվեց, հետո բուի կանչը՝ ներքևի անտառից, որտեղ ձիերն էին ցանկապատի մեջ առնված, քիչ անց քարայրից հասան գնչուի երգի հնչյուններն ու կիթառի մեղմ լարաարկերը։

«Ես իմ հորից ժառանգություն ստացա

Երգում էր գնչուն շինծու, խռպոտ ձայնով, որը բարձրացավ, բարձրացավ ու կախվեց օդում։ Հետո շարունակեց․

Լուսինը այս և արեգակ։
Աշխարհն ամբողջ ես ման եկա,
Եվ ծախսել չկարողացա»։

Լարազարկերի խուլ ու մերթընդմերթ ընդհատվող արձագանքով կիթառը կարծես խրախուսում էր երգչին։ Ռոբերտ Ջորդանը լսեց, որ մեկն ասում է․

― Լավ, գնչու, հիմա էլ կատալոնացին երգիր։

― Չէ։

― Հա ՜։ Հա՛։ Կատալոնացին։

― Դե լավ, ― ասաց գնչուն և սկսեց ողբաձայն երգել․

«Քիթս տափակ է,
Դեմքս՝ սև,
Բայց և այնպես մարդ եմ ես»։

― Ole,[10] ― ասաց մեկը։ ― Շարունակի՛ր գնչու։

Գնչուի ձայնն այս անգամ հնչեց ինչ֊որ հեգնախառն ողբերգականությամբ․

«Փառք քեզ աստված, որ ես նեգր եմ,
Ոչ թե կատալոնացի»։

― Շատ եք աղմկում, ― լսվեց Պաբլոյի ձայնը։ ― Վերջացրո՛ւ, գնչու։

― Ճիշտ է, ― լսվեց կնոջ ձայնը։ ― Շատ աղմկեցիք։ Բարձր ես երգում, մեկ էլ տեսար guardia civil֊ը հայտնվեց։ Երգածդ էլ մի բանի նման լինի։

― Ուրիշ երգ էլ գիտեմ, ― ասաց գնչուն ու զարկեց կիթառի լարերին։

― Քեզ պահիր, ― ասաց կինը։

Կիթառը լռեց։

― Այսօր ձայնս տեղը չէ։ Ոչինչ, ― ասաց գնչուն և, ծածկոցը մի կողմ քաշելով, դուրս եկավ մթության մեջ։

Ռոբերտ Ջորդանը նայում էր նրան։ Նա նախ գնաց մի ծառի մոտ, հետո եկավ իմ կողմը։

― Ռոբերտո, ― ասաց գնչուն ցածրաձայն։

― Այո, Ռաֆայել, ― ասաց նա։ Ձայնից կռահեց, որ գինին ազդել է գնչուի վրա։ Ինքն էլ էր խմել՝ երկու աբսենթ, վրայից էլ մի քանի բաժակ գինի, բայց ուղեղը չէր պղտորվել, դատողությունը տեղն էր, սառն ու հստակ, երևի Պաբլոյի հետ կապված բարդությունների պատճառով։

― Ինչո՞ւ չսպանեցիր Պաբլոյին, ― ասաց գնչուն շատ ցածր ձայնով։

― Իսկ ինչո՞ւ սպանեի։

― Վաղ թե ուշ սպանելու ես։ Ինչո՞ւ չօգտվեցիր առիթից։

― Լո՞ւրջ ես ասում։

― Չգիտե՞ս, որ բոլորը դրան էին սպասում։ Ի՞նչ ես կարծում, կինը ինչո՞ւ աղջկան դուրս արեց։ Կարծում ես, որ այս խոսակցությունից հետո հնարավո՞ր է առաջվա պես շարունակել։

― Դուք պետք է սպանեիք։

― Que va[11] ― հանգիստ ասաց գնչուն։ ― Դա քո գործն է, դու պիտի անեիր։ Պաբլոն ոչ մի բարեկամ չունի։

― Մտքումս կար, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց հրաժարվեցի։

― Մենք տեսանք։ Բոլորս էլ նկատեցինք, թե ոնց ես պատրաստվում։ Բայց ինչո՞ւ չարեցիր։

― Մտածեցի, որ կարող է ձեր սրտով չլինել, կամ էլ կնոջ։

― Que va: Կինն այնպես էր սպասում, ոնց որ պոռնիկը ավելի մեծ որսի։ Իսկ դու ավելի ջահել ես, քան թվում է։

― Հնարավոր է։

― Հիմա սպանիր, ― համառորեն շարունակեց գնչուն։

― Դա արդեն մարդասպանություն է։

― Ավելի լավ է նույնիսկ, ― ցածրաձայն ասաց գնչուն։ ― Ավելի անվտանգ է։ Դե գնա՛։ Սպանի՛ր։

― Ես այդպիսի բան չեմ կարող անել։ Այդպիսի բաներից ես զզվում եմ, և նրանք, ովքեր պայքարի են դուրս եկել հանուն մի դատի, այդ ձևով չպետք է գործեն։

― Ուրեմն կռվի մեջ քաշիր, ― ասաց գնչուն։ ― Բայց իմացի՛ր, պիտի սպանես։ Ուրիշ ճար չկա։

Այդ պահին, առանց լռությունը խռովելու, հենց իրենց կողքով բուն սլացավ ցած և որսը մագիլների մեջ առած՝ արագ ու անաղմուկ թափահարեց թևերն ու հեռացավ։

― Նայի՛ր, ― ասաց գնչուն մթության մեջ, ― մարդիկ էլ այդպես պետք է գործեն։

― Իսկ հետո օրը ցերեկով, կույր֊կույր, ագռավներով շրջապատված նստեն ծառի փչակում, ― ասաց Ջորդանը։

― Այսպիսի պահ քիչ է լինում, ― ասաց գնչուն։ ― Առիթն եկել է, բաց մի՛ թողնի։ Սպանի՛ր, թե չէ հետո դժվար կլինի։

― Պահն արդեն անցել է։

― Մի բան արա, կռվի մեջ քաշիր, ― ասաց գնչուն։ ― Կամ է սուսուփուս, առանց իմաց տալու խփիր։

Քարայրի մուտքի ծածկոցը բացվեց և դռան առաջը լուսավորվեց։ Մի մարդ դեպի իրենց կողմը շարժվեց։

― Գեղեցիկ գիշեր է, ― ասաց մարդը խուլ ու թախծոտ ձայնով։ ― Վաղը լավ օր է լինելու։

Պաբլոն էր։

Ռուսական սիգարետ էր ծխում և, երբ ծուխը ներս էր քաշում, կլոր դեմքը լուսավորվում էր, իսկ աստղերի լույսի տակ ուրվագծվում էին նրա խոշոր իրանն ու երկար թևերը։

― Կնոջ ասածներին ուշադրություն մի՛ դարձրու, ― ասաց Ռոբերտ Ջորդանին։ Սիգարետի կրակը մի պահ ուժեղ լուսարձակեց և հետո երևած իջեցրած ձեռքի մեջ։ ― Երբեմն ինքն իրենից դուրս է գալիս։ Բայց լավ կին է։ Շատ հավատարիմ է Հանրապետությանը։ ― Հիմա սիգարետի կրակը ամեն խոսքի հետ թեթև ոստոստում էր մթության մեջ։ Երևի խոսելիս բերանի անկյունում է պահում, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ ― Ոչ մի դժվարություն չի ծագի մեր միջև։ Ամեն ինչում համաձայն ենք։ Ես ուրախ եմ, որ դու եկել ես։ ― Սիգարետի կրակը նորից ուժեղ լույս արձակեց։ ― Դու մեր վեճերին ուշադրություն մի՛ դարձրու, ― ասաց նա։ ― Դու բարով ես եկել։ Իսկ հիմա ինձ ներիր, ― ասաց նա, ― գնամ տեսնեմ ոնց են կապել ձիերին։

Ծառերի արանքով նա գնաց դեպի մարգագետին, ներքևից ձիու խրխինջ լսվեց։

― Տեսնո՞ւմ ես, ― ասաց գնչուն։ ― Հիմա տեսնո՞ւմ ես։ Առիթը ձեռքից բաց թողեցինք։

Ռոբերտ Ջորդանը ոչինչ չպատասխանեց։

― Ես գնում եմ ներքև, ― զայրացած ասաց գնչուն։

― Ի՞նչ անելու։

― Que va, ինչ անելու։ Թույլ չտալու, որ փախչի։

― Ներքևով կարո՞ղ է ձիով փախչել։

― Ոչ։

― Որ այդպես է, գնա այնտեղ, որտեղից կարող ես փախուստը խափանել։

― Այնտեղ Ագուստինն է։

― Ուրեմն գնա և խոսիր Ագուստինի հետ։ Պատմիր, թե ինչ եղավ այստեղ։

― Ագուստինը հաճույքով կսպանի նրան։

― Ավելի լավ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Գնա վերև և տեղը տեղին պատմիր, թե ինչ և ինչպես եղավ։

― Հետո՞։

― Ես էլ գնամ մարգագետնի կողմը։

― Լավ, բարեկամս։ Լավ։ ― Ռաֆայելի դեմքը նա չէր տեսնում, բայց զգում էր, որ ժպտում է։ ― Նշանակում է թևրդ քշտեցիր, լավ է, ― հավանություն տալով ասաց գնչուն։

― Դու գնա Ագուստինի մոտ։

― Գնացի, Ռոբերտո, գնացի, ― ասաց գնչուն։

Մթության մեջ խարխափելով՝ Ռոբերտ Ջորդանը սոճիների արանքներով հասավ մարգագետին։ Նա նայեց աստղերի լույսի տակ փռված բացատին ու տեսավ կապված ձիերի սև ուրվագծերը, որ ձգվել էին մինչև գետակ։ Հաշվեց։ Հինգն էին։ Նստեց մի սոճու տակ և սկսեց նայել մարգագետնի կողմը։

Հոգնած եմ, մտածեց նա, և թերևս դրա համար էլ լավ չեմ դատում։ Բայց իմ պարտականությունը կամուրջն է, և որպեսզի գործը գլուխ բերեմ, ես իրավունք չունեմ ինձ ավելորդ ռիսկի ենթարկելու։ Իհարկե, ռիսկից խուսափելն ավելի մեծ ռիսկ է, բայց ես այդպես վարվեցի, որպեսզի չխանգարեմ իրադարձությունների բնական ընթացքը։ Եթե գնչուն ճիշտ է ասում, թե նրանք սպասել են, որ ես Պաբլոյին սպանեմ, ուրեմն պետք է սպանած լինեի։ Բայց մտքովս իսկ չէր անցնում, որ նրանք ինձնից այդպիսի բան կարող են սպասել։ Օտար վայրում ո՞նց մարդ սպանես և հետո էլ հետներն աշխատես։ Չէ, չէր լինի։ Վատ կլիներ։ Ուրիշ բան է մարտի ժամանակ, ասենք եթե չի ենթարկվում զինվորական կարգապահությանը, բայց այս դեպքում, չէ, սխալ կլիներ, շատ վատ կլիներ, թեև գայթակղությունից խուսափելն էլ դժվար էր, այնքան պարզ ու կտրուկ էր թվում հարցի լուծումը։ Բայց այս երկրում պարզ ու կտրուկ բան չեմ հավատում, որ առհասարակ գոյություն ունի։ Այ, չնայած լիովին վստահում եմ կնոջը, բայց էլի չեմ կարող ասել, թե նա իրեն ինչպես կպահեր, եթե ես այդ կտրուկ միջոցին դիմեի։ Մահը այդպիսի տեղերում շատ տգեղ, կեղտոտ, զզվելի տպավորություն կարող է թողնել։ Եվ ես չեմ կարող ասել, թե կինն ինչպես կպահեր իրեն։ Իսկ առանց այս կնոջ ո՛չ կարգ կարող է լինել այստեղ, ո՛չ կանոն։ Իդեալականն այն կլիներ, որ կինը սպաներ նրան, կամ էլ գնչուն (բայց սա չէր անի), կամ Ագուստինը։ Անսելմոն կսպանի, եթե ասեմ, բայց արի տես, որ նա էլ դեմ է սպանությանը։ Նա Պաբլոյին ատում է, այդպես եմ կարծում, իսկ ինձ վստահում է, հավատում է, որովհետև ես ներկայացուցիչն եմ այն գործի, որին ինքը հավատում է։ Միայն նա, մեկ էլ կինն են հավատում Հանրապետությանը, ինչքան կարողանում եմ տեսնել։ Բայց դեռ վաղ է հաստատ ասելու համար։

Երբ աչքերն ընտելացան աստղերի լույսին, նա տեսավ, որ Պաբլոն կանգնած է ձիերից մեկի կողքին։ Ձին ընդհատել էր արածելն ու բարձրացրել էր գլուխը, բայց անհանգիստ շարժումով նորից իջեցրեց։ Պաբլոն կանգնել էր ձիու կողքին, հենվել նրան ու շոյում էր վիզը, և ամեն անգամ, որ ձին ձգում էր կապը, նա տարուբերվում էր ձիու հետ։ Պաբլոյի փաղաքշանքը գրգռում էր ձիուն, որովհետև չէր կարողանում հանգիստ արածել։ Ռոբերտ Ջորդանը չէր կարող տեսնել, թե Պաբլոն ինչ է անում, չէր կարող լսել, թե ինչ է ասում, բայց տեսնում էր, որ ձին կապված է, որ ձին թամբած չէ։ Հիմա նա նստել ու հետևում էր Պաբլոյին, փորձում էր պարզել, թե ինչ է վերջապես անելու։

― Դու իմ խոշոր, լավ ձիուկ, ― ասում էր Պաբլոն մթության մեջ ձիուն։ Նա խոսում էր խոշոր աշխետ նժույգի հետ։ ― Դու իմ խոշոր, գեղեցիկ սպիտակաճակատ։ Քո երկար կոր վիզը նման է իմ քաղաքի մեծ կամուրջին։ ― Կանգ առավ։ ― Բայց ավելի կոր է ու ավելի գեղեցիկ։ ― Ձին մի կողմից ատամներով խոտն էր պոկոտում, մյուս կողմից անընդհատ գլուխն այս ու այն կողմ գցում՝ ձանձրացած և՛ մարդուց, և՛ նրա շաղակրատանքից։ ― Դու ոչ կին ես, ոչ էլ հիմար, ― ասում էր Պաբլոն աշխետ ձիուն։ ― Դո՛ւ, ա՜խ, դո՛ւ, դո՛ւ, դու իմ խոշոր ձիուկ։ Դու շիկացած ժայռի նմանվող կինը չես։ Կամ էլ խուզված գլխով, ձախավեր շարժումներով, թաց, նորածին քուռակի նմանվող աղջիկը չես։ Դու չես նախատում, դու չես ստում, դու ինձ հասկանում ես։ Դո՛ւ, դո՛ւ, ա՜խ, դո՛ւ, իմ լավ, խոշոր ձիուկ։

Ռոբերտ Ջորդանի համար շատ հետաքրքրական էր, թե ինչ է խոսում Պաբլոն իր աշխետ ձիու հետ, բայց չփորձեց ականջ դնել, և վեր կացավ ու գնաց դեպի քարայր, որովհետև համոզվեց, որ Պաբլոն եկել էր սոսկ ձիերին ստուգելու, և հիմա նրան սպանելը միանգամայն սխալ կլիներ։ Պաբլոն դեռ երկար ժամանակ կանգնել էր այնտեղ՝ մարգագետնում, ու խոսում էր ձիու հետ։ Ձին ոչ մի բան չէր հասկանում նրա ասածներից, միայն ձայնի երանգից զգում էր, որ դրանք փաղաքշական խոսքեր են, բայց նա սոված էր, ամբողջ օրը փակված էր եղել ցանկապատի մեջ և հիմա, երբ անհամբեր պոկոտում էր կապի երկայնքին ընկած կանաչ խոտը, այդ մարդը ձանձրացնում էր նրան։ Պաբլոն ցիցը տեղափոխեց և նորից եկավ կանգնեց ձիու կողքին, բայց այլևս չէր խոսում։ Ձին շարունակեց արածել և արդեն հանգիստ էր, որովհետև մարդը հոգին չէր ուտում։


Գլուխ վեցերորդ

Քարայրում Ռոբերտ Ջորդանը նստեց կրակի կողքին, անմշակ կաշիով պատած մի աթոռակի վրա և լսում էր, թե ինչ է ասում կինը։ Սա ամաններն էր լվանում, աղջիկը չորացնում էր դրանք, մի կողմ դնում, հետո չոքած տեղավորում էր պատի խոռոչում, որը պահարանի տեղ էր ծառայում։

― Տարօրինակ է, ― ասաց կինը։ ― Ինչո՞ւ Էլ Սորդոն չեկավ։ Նա մի ժամ առաջ պիտի եկած լիներ։

― Իմաց տվե՞լ էիր, որ գա։

― Չէ։ Նա ամեն երեկո գալիս է։

― Երևի զբաղված է։ Որևէ գործ ունի։

― Հնարավոր է, ― ասաց կինը։ ― Եթե չգա, վաղը մենք պետք է գնանք իրեն տեսնելու։

― Այո։ Հեռո՞ւ է։

― Ոչ։ Մի քիչ կզբոսնենք։ Առիթ կլինի, որ ես էլ տեղիցս շարժվեմ։ Պետք է։

― Իսկ ես կարո՞ղ եմ գալ, ― հարցրեց Մարիան։ ― Ինձ էլ կարելի՞ է գալ, Պիլար։

― Այո, գեղեցկուհի, ― ասաց կինը և իր խոշոր դեմքը շրջեց ու դիմեց Ռոբերտ Ջորդանին․ ― սիրուն է, չէ։ Ի՞նչ կասես, ո՞նց է։ Մի քիչ նիհա՞ր է։

― Եթե ինձ ես հարցնում, շատ լավն է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Մարիան նրա բաժակի մեջ գինի լցրեց։

― Խմի՛ր, ― ասաց։ ― Որ խմես, ավելի լավ կթվամ։ Իսկ որպեսզի գեղեցիկ թվամ, շատ պետք է խմես դրանից։

― Ուրեմն էլ չեմ խմի, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ― որովհետև արդեն գեղեցիկ ես թվում և ոչ միայն գեղեցիկ։

― Այ թե ինչպես պետք է խոսի տղամարդը, ― ասաց կինը։ ― Իսկական տղամարդ։ Ասում ես ուրիշ ի՞նչ է թվում։

― Խելացի, ― կմկմալով ասաց Ռոբերտ Ջորդանը։ Աղջիկը փռթկաց, իսկ կինը տխուր տարուբերեց գլուխը։

― Ինչքա՜ն լավ սկսեցիր և ինչպես վերջացրիր, դոն Ռոբերտո։

― Ինձ դոն Ռոբերտո մի ասա։

― Կատակ եմ անում։ Պաբլոյին էլ կատակով դոն Պաբլո ենք ասում, Մարիային՝ սենյորիտա Մարիա։

― Ես այդ տեսակ կատակներ չեմ ընդունում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Պատերազմի ժամանակ միայն camarada[12] բառով պետք է դիմել իրար, և առանց որևէ կատակի, միայն լրջորեն։ Կատակների հետ սկսում է քայքայումը։

― Երևում է քաղաքականությունը քեզ համար կրոնի պես մի բան է, ― ձեռ առավ կինը։ ― Դու երբեք չե՞ս կատակում։

― Կատակում եմ։ Եվ շատ էլ սիրում եմ կատակելը։ Բայց մարդկանց դիմելու հարցում կատակ չեմ ընդունում։ Ամեն ինչ չէ, որ կարելի է կատակի վերածել։ Դրոշը, օրինակ, չի կարելի կատակի առարկա դարձնել։

― Ես դրոշն էլ եմ կատակի առարկա դարձնում։ Ուզածդ դրոշը, ― ծիծաղեց կինը։ ― Իմ կարծիքով ամեն ինչ էլ կարելի է կատակի վերածել։ Հին դրոշը դեղին ու կարմիր էր, թարախ ու արյուն էինք ասում։ Հանրապետական դրոշին ավելացել է մանուշակագույնը, դրան էլ ասում ենք թարախ, արյուն ու մանգան։ Կատակ է։

― Կոմունիստ է, ― ասաց Մարիան։ ― Նրանք են այդքան լուրջ gente:

― Կոմունի՞ստ ես։

― Ոչ, ես հակաֆաշիստ եմ։

― Վաղո՞ւց։

― Այն օրվանից, երբ հասկացա, թե ինչ է ֆաշիզմը։

― Իսկ դա ինչքա՞ն ժամանակ է։

― Մոտ տասը տարի։

― Այնքան էլ շատ չէ, ― ասաց կինը։ ― Ես արդեն քսան տարի է, որ հանրապետական եմ։

― Հայրս իր ողջ կյանքն է հանրապետական եղել, ― ասաց Մարիան։ ― Դրա համար էլ գնդակահարեցին։

― Իմ հայրն էլ է ողջ կյանքը հանրապետական եղել։ Պապս նույնպես, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Ո՞ր երկրում։

― Միացյալ Նահանգներում։

― Նրանց գնդակահարե՞լ են, ― հարցրեց կինը։

― Que va, ― ասաց Մարիան։ ― Միացյալ Նահանգները հանրապետական երկիր է։ Այնտեղ հանրապետական լինելու համար չեն գնդակահարում։

― Միևնույն է, հանրապետական պապ ունենալը լավ բան է, ― ասաց կինը։ ― Դա նշանակում է, որ լավ ցեղից է։

― Պապս հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի անդամ է եղել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Դա տպավորություն գործեց նույնիսկ Մարիայի վրա։

― Եվ հայրդ մինչև հիմա էլ այդպես մասնակցո՞ւմ է հանրապետության գործերին, ― հարցրեց Պիլարը։

― Ոչ։ Նա մահացել է։

― Կարելի՞ է հարցնել ինչպես։

― Անձնասպան եղավ։

― Որպեսզի խոշտանգումների՞ց խուսափի, ― հարցրեց կինը։

― Այո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Որպեսզի խոշտանգումներից խուսափի։

Մարիան նայեց նրան արտասվալից աչքերով։

― Հայրս չի կարողացել զենք ճարել, ― ասաց նա։ ― Ես այնքան ուրախ եմ, որ քո հոր բախտը բերել է, և նա կարողացել է զենք ճարել։

― Այո, բախտը բերել է, լավ է բերել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Եկեք ուրիշ բաներից խոսենք։

― Ուրեմն երկուսիս բախտն էլ նույնն է, ― ասաց Մարիան։ Նա ձեռքը դրեց երիտասարդի թևին և աչքերն հառեց երեսին։ Ռոբերտ Ջորդանը նայեց նրա թուխ դեմքին, նայեց աչքերին, որոնք առաջին անգամ, երբ տեսել էր, այնքան էլ երիտասարդ չէին թվացել, իսկ հիմա, հանկարծ, այնպես էին երիտասարդացել, այնպիսի քաղց կար նրանց մեջ, այնպիսի ցանկություն։

― Ձեզ կարելի է քույր֊եղբոր տեղ դնել, ― ասաց կինը։ ― Բայց բախտներդ բերել է, որ քույր֊եղբայր չեք։

― Հիմա հասկացա, թե ես ինչու այն ժամանակ այդպիսի զգացողություն ունեցա, ― ասաց Մարին։ ― Հիմա պարզ է։

― Que va, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և ձեռքը տարավ ու շոյեց աղջկա գլուխը։ Ամբողջ օրը նա ցանկացել էր անել այդ բանը, հիմա արեց ու զգաց, որ կոկորդը սեղմվում է։ Աղջիկը գլուխը շարժեց նրա ձեռքի տակ և ժպտաց նրան, Ռոբերտ Ջորդանի մատների արանքում ալիքվում էին աղջկա թավ, մետաքսյա կարճ մազերը։ Հետո ձեռքը սահեցրեց մինչև ծոծրակն ու իջեցրեց։

― Նորից արա, ― ասաց աղջիկը։ ― Ես ամբողջ օրը դրան եմ սպասել։

― Հետո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը խեղդուկ ձայնով։

― Իսկ ե՞ս, ― ասաց Պաբլոյի կինը իր որոտացող ձայնով։ ― Ուրեմն ես էլ պիտի նստեմ ու նայե՞մ։ Ձեր կարծիքով ես զգացմունքներ չունե՞մ։ Այդպիսի բան չեք կարող ասել։ Ո՞ւր է, գոնե Պաբլոն գար, եթե ավելի լավը չկա։

Մարիան արդեն ուշադրություն չէր դարձնում նրա վրա, ոչ էլ մյուսների, որ մոմի լույսի տակ քարտ էին խաղում։

― Էլի բերե՞մ գինի, Ռոբերտո, ուզո՞ւմ ես, ― հարցրեց աղջիկը։

― Այո, ― ասաց նա, ― ինչո՞ւ չէ։

― Շուտով դու էլ ինձ նման մի հարբեցող կունենաս։ Սա տարօրինակ բաներ էլ է լցնում բաժակն ու խմում։ Լսի՛ր, Ingles:[13]

― Ես Ingles չեմ։ Ամերիկացի եմ։

― Ուրեմն, լսի՛ր, ամերիկացի։ Որտե՞ղ ես ուզում քնել։

― Դրսում։ Ննջապարկ ունեմ։

― Լավ, ― ասաց կինը։ ― Եկինքը պա՞րզ է։

― Եվ ցուրտ կլինի։

― Ուրեմն դրսում, ― ասաց կինը։ ― Քնիր դրսում։ Քո ունեցածը կողքիս կլինի։

― Լավ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, հետո դարձավ աղջկան, ձեռքը դրեց ուսին ու ասաց․ ― մի քանի րոպե մեզ առանձին թող։

― Ինչո՞ւ։

― Պիլարի հետ խոսելիք ունեմ։

― Պե՞տք է, որ գնամ։

― Այո։

― Ի՞նչ կա, ― հարցրեց Պաբլոյի կինը, երբ աղջիկը գնաց կանգնեց քարայրի մուտքի կողքին կախված գինու տկի մոտ և սկսեց նայել քարտ խաղացողներին։

― Գնչուն ասաց, որ ես պետք է․․․

― Ոչ, ― ընդհատեց կինը։ ― Նա սխալվում է։

― Եթե անհրաժեշտ է, որ ես․․․ հանգիստ միաժամանակ և դժվարությամբ ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Դու դա կանեիր, հավատում եմ, ― ասաց կինը։ ― Ոչ, անհրաժեշտ չէ։ Ես հետևում էի քեզ։ Դու ճիշտ դատեցիր։

― Բայց եթե կարիք կա․․․

― Ոչ, ― ասաց կինը։ ― Ես քեզ ասում եմ՝ կարիք չկա։ Գնչուի ուղեղը խանգարված է։

― Բայց թույլ մարդը կարող է վտանգավոր լինել։

― Ոչ։ Դու չես հասկանում։ Այս մեկն էր՝ անցավ, նա այլևս վտանգավոր չէ։

― Չեմ հասկանում։

― Դեռ շատ ջահել ես, ― ասաց կինը։ ― Դեռ կհասկանաս։ ― Հետո դարձավ աղջկան։ ― Արի, Մարիա։ Վերջացրինք մեր խոսակցությունը։

Աղջիկը մոտեցավ, Ռոբերտ Ջորդանը ձեռքը երկարեց, շոյեց նրա գլուխը։ Աղջկան հաճելի էր փաղաքշանքը, ոնց որ կատվի ձագին։ Մի պահ նրան թվաց, որ աղջիկը ուր որ է լաց կլինի։ Բայց նա նորից շրթները պրկեց, նայեց իրեն ու ժպտաց։

― Լավ կանես գնաս քնես, ― ասաց կինը Ռոբերտ Ջորդանին։ ― Երկար ճամփա ես կտրել։

― Լավ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Գնամ իրերս հանեմ։


Գլուխ յոթերորդ

Նա քնել էր ննջապարկի մեջ։ Հանկարծ արթնացավ և իրեն թվաց, որ վաղուց է քնել։ Ննջապարկը փռել էր գետնին, քարայրի մուտքից ոչ այնքան հեռու, ժայռի հովանու տակ։ Քնի մեջ շուռ էր եկել, և ատրճանակը, որ կապված էր ձեռքին, ընկել էր տակը։ Հոգնությունից այնպես էին ուսերի, թիկունքի, սրունքների մկանները բռնվել, որ գետինը փափուկ֊փափուկ էր թվում, իսկ ննջապարկի մեջ հենց միայն ձգվելն ու ֆլանելե կողերին հպվելն արդեն մեծագույն հեշտանք էր։ Սկզբում, երբ զարթնեց, գլխի չընկավ, թե որտեղ է, հետո հիշեց, ատրճանակը հանեց տակից, տեղավորեց այնպես, որ հանգիստ լինի, մի ձեռքով գրկեց բարձը, իսկ բարձը ոչ այլ ինչ էր, քան պարանե ներբանով կոշիկների վրա կոկիկ փաթաթած հագուստի ծրարը, և գոհ ու երջանիկ ձգվեց, որպեսզի նորից քնի։

Ուսի վրա մեկի ձեռքն զգաց, արագ շրջվեց և ձեռքը տարավ ատրճանակին։ Տեսավ աղջիկն է։

― Օ՜, դու ես, ― ասաց ու ատրճանակը գցեց, երկու թևերը դուրս հանեց, գրկեց աղջկան և քաշեց ցած։ Զգաց, որ նա դողում է։

― Ներս մտիր, ― ասաց ցածրաձայն։ ― Ցուրտ է դրսում։

― Ոչ։ Պետք չէ, որ ես մտնեմ։

― Մտի՛ր, ― ասաց նա, ― պետք է, պետք չէ, այդ մասին հետո կխոսենք։

Աղջիկը դողում էր։ Ռոբերտ Ջորդանը մի ձեռքով բռնել էր նրա արմունկը, մյուսը գցեց մեջքին ու թեթևակիորեն գրկեց։ Աղջիկը գլուխը շրջել էր։

― Արի՛, ներս արի, փոքրիկ նապաստակ, ― ասաց ու համբուրեց աղջկա ծոծրակը։

― Վախենում եմ։

― Ոչ, ոչ, մի՛ վախենա։ Մտի՛ր։

― Ինչպե՞ս։

― Պարզապես սահիր։ Տեղ շատ կա։ Օգնե՞մ։

― Ոչ, ― ասաց աղջիկը և հետո արդեն ննջապարկում էր, ու Ռոբերտ Ջորդանը ամուր գրկել էր նրան և փորձում էր համբուրել շրթները, իսկ աղջիկը դեմքը սեղմել էր բարձին, բայց թևերով ամուր փաթաթվել էր տղայի վզին։ Հետո թևերը թուլացան և նորից սկսեց դողալ։

― Ոչ, ոչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և ծիծաղեց։ ― Մի՛ վախենա։ Ատրճանակս է։ ― Վերցրեց ու սահեցրեց մեջքի կողմը։

― Ամաչում եմ, ― ասաց աղջիկը, դեմքը հեռու պահելով։

― Ոչ։ Ամաչելու բան չկա։ Դե՛։ Նայիր ինձ։ Նայի՛ր։

― Ոչ։ ես չպետք է գայի։ Ամաչում եմ։ Վախենում եմ։

― Մի՛։ Իմ փոքրիկ նապաստակ։ Խնդրում եմ։

― Ես չպետք է գայի, չէ՞ որ դու ինձ չես սիրում։

― Ես քեզ սիրում եմ։

― Ես քեզ սիրում եմ։ Ախ, այնպե՜ս եմ ես քեզ սիրում։ Դի՛ր ձեռքդ գլխիս, ― ասաց աղջիկը՝ դեռևս հեռու պահելով իրեն ու դեմքը սեղմած բարձին։ Ռոբերտ Ջորդանը ձեռքը դրեց նրա գլխին։ Աղջիկը գլուխը բարձրացրեց ու ընկավ նրա թևերի մեջ, ամուր փարվեց վզին, երեսը հպել էր երեսին ու լալիս էր։

Ռոբերտ Ջորդանը պինդ գրկել էր աղջկան ու անշարժացել, զգում էր նրա երիտասարդ մարմնի ամբողջ երկարությամբ վազող դողը, զգում էր, թե ինչպես լաց լինելիս շապիկի տակ ցնցվում են աղջկա կլոր, ձիգ կրծքերը։ Ռոբերտ Ջորդանը շոյում էր նրա գլուխը, համբուրում արտասուքով թրջված աղի աչքերը։

― Ես համբուրել չեմ կաող, ― ասաց աղջիկը։ ― Չգիտեմ ինչպես են համբուրում։

― Համբուրվելու կարիք չկա։

― Ոչ։ Ես պետք է համբուրեմ։ Ես պետք է ամեն ինչ անեմ։

― Կարիք չկա ոչ մի բան անելու։ Ամեն ինչ կարգին է։ Միայն թե շատ ես շորեր հագել։

― Իսկ ի՞նչ անեմ։

― Սպասիր օգնեմ։

― Այսպես ավելի լա՞վ է։

― Իհարկե։ Շատ ավելի։ Դու չե՞ս զգում, որ ավելի լավ է։

― Այո։ Շատ ավելի լավ։ Ճի՞շտ էր ասում Պիլարը, ինձ տանելո՞ւ ես։

― Այո։

― Բայց ոչ ապաստարան։ Հետդ։

― Ոչ, ապաստարան։

― Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Հետդ, և ես քո կինն եմ լինելու։

Պառկել էին, և այն ամենն, ինչ առաջ ծածկված էր, հիմա ծածկված չէր։ Հագուստի անհարթությանը փոխարինել էր մաշկի ողորկությունը, սառն ու տաք ողորկությունը, արտաքինից սառը, ներսից՝ տաք, ամեն ինչ լցվել էր, կլորացել, ամեն ինչ ցնցվում էր, ձգվում, սեղմվում, անշարժանում, ցավեցնում ու երջանկացնում, իսկ հիմա արդեն Ռոբերտ Ջորդանը այնպիսի մի անձկություն զգաց, որ կուրծքն սկսեց սեղմվել, ցավել, սուր, ծակող մի անձկություն, որին նա չէր կարող այլևս դիմադրել, ու հարցրեց․

― Դու որևէ մեկին սիրե՞լ ես։

― Երբեք։ ― Հետո հանկարծ, մեռելի պես թուլացավ Ռոբերտ Ջորդանի թևերի մեջ։ ― Բայց այդպիսի բաներ արել են ինձ հետ, ― ասաց։

― Ովքե՞ր։

― Տարբեր մարդիկ։

Հիմա նա դիակի նման անշարժացած պառկել էր, հետո դեմքը շրջեց Ռոբերտ Ջորդանից։

― Դու ինձ այլևս չես սիրի։

― Ես քեզ սիրում եմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Բայց ինչ֊որ բան կատարվեց, ինչ֊որ բան փոխվեց նրա մեջ, և աղջիկն զգաց դա։

― Ոչ, ― ասաց աղջիկը, և նրա ձայնը դարձավ անկենդան ու նվաղուն։ ― Դու ինձ չես սիրի։ Բայց գուցե կտանե՞ս ապաստարան։ Կգնամ ապաստարան, կինդ չեմ դառնա, ոչ էլ ուրիշ բան։

― Ես քեզ սիրում եմ, Մարիա՛։

― Ոչ։ Ճիշտ չէ, ― ասաց նա։ Հետո, որպես վերջին մի կռվան, հույսով ու թախանձագին ասաց։ ― Ես երբեք և ոչ ոքի չեմ համբուրել։

― Ուրեմն համբուրիր ինձ։

― Կհամբուրեի, ― ասաց նա, ― բայց չգիտեմ ինչպես պետք է անել։ Երբ ինձ հետ այնպիսի բաներ էին ուզում անել, ես կռվում էի, ծփում նրանց, խփում, ոչինչ չէի տեսնում։ Ես կռվում էի, կռվում էի, մինչև որ, մինչև որ, մինչև որ մեկը նստեց գլխիս, իսկ ես նրան կծեցի, հետո նրանք բերանս կապեցին, թևերս տարան գլխիս ետևը ու այդպես պահեցին, իսկ մյուսներն այնպիսի բաներ արեցին արեցին ինձ։

― Ես քեզ սիրում եմ, Մարիա՛։ ― Ասաց նա։ ― Եվ իմացի՛ր, քեզ ոչ ոք ոչ մի բան չի արել։ Քեզ նրանք չեն կարող դիպչած լինել։ Ոչ ոք քեզ չի դիպչել, փոքրիկ նապաստակ։

― Դու այդպե՞ս ես կարծում։

― Ես գիտեմ, որ այդպես է։

― Եվ դու կարո՞ղ ես ինձ սիրել, ― հարցրեց աղջիկը, և Ռոբերտ Ջորդանը նորից զգաց նրա մարմնի տաքությունը։

― Ես հիմա ավելի շատ եմ սիրում քեզ։

― Ես կջանամ քեզ շատ լավ համբուրել։

― Դե համբուրի՛ր ինձ։

― Չգիտեմ ինչպես։

― Հենց այնպես, համբուրի՛ր։

Աղջիկը համբուրեց Ռոբերտ Ջորդանի այտը։

― Չեղավ։

― Իսկ քիթս ի՞նչ անեմ։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե քիթը ի՞նչ են անում։

― Նայի՛ր, շրջի՛ր գլուխդ, ― և նրանց շրթունքներն ամուր հպվեցին իրար, և աղջիկը սեղմվեց նրան, բերանը բացվեց, իսկ Ռոբերտ Ջորդանը աստիճանաբար, հետո միանգամից ամուր գրկեց նրան, և իրեն թվաց, որ ինքը երբեք այսքան երջանիկ չի եղել, չի զգացել այսպիսի եթերային, քնքուշ, ցնծագին երջանկություն, երբ հեռու ես ամեն տեսակի խոհերից, հոգնությունից, հոգսից ու համակված ես միայն մեկ ու մեծագույն վայելքի զգացողությամբ։

― Փոքրիկ նապաստակս։ Սիրելի՛ս։ Անուշի՛կս։ Երկարոտիկ գեղեցկուհի՛ս, ― շշնջում էր նա։

― Ի՞նչ ես ասում, ― հարցրեց աղջիկը կարծես հեռվից։

― Գեղեցկուհի՛ս, ― ասաց նա։

Նրանք պառկել էին ու Ռոբերտ Ջորդանը զգում էր աղջկա սրտի բաբախյունը և որով թեթև շոյում էր նրա ոտը։

― Բոբիկ ես եկել, ― ասաց նա։

― Այո։

― Ուրեմն գիտեիր, որ անկողին ես մտնելու։

― Այո։

― Եվ չէիր վախենում։

― Վախենում էի։ Շատ։ Բայց ավելի շատ մտածում էի, թե ոնց կլինի, եթե հանեմ կոշիկներս։

― Ժամը քանի՞սը կլինի, lo sabes?[14]

― Ոչ։ Ժամացույց չունե՞ս։

― Ունեմ, բայց թիկունքիդ կողմն է մնացել։

― Հանի՛ր։

― Չէ։

― Ուրեմն ուսիս վրայով նայիր։

Ժամը մեկն էր։ Ննջապարկի մթության մեջ ժամացույցի թվահարթակն երևում էր իր ամբողջ պայծառությամբ։

― Ուսս ծակծկում ես ծնոտով։

― Ների՛ր։ Ածելիս չեմ վերցրել։

― Ինձ դուր է գալիս։ Մորո՞ւքդ էլ է խարտյաշ։

― Այո։

― Կերկարի՞։

― Մինչև կամրջի պայթեցումը՝ ոչ։ Մարիա, ասա։ Դու․․․

― Ես ի՞նչ։

― Ուզո՞ւմ ես։

― Այո։ Ամեն, ամեն ինչ։ Խնդրում եմ։ Եվ եթե մենք ամեն ինչ անենք, գուցե այնպես լինի, կարծես այն մեկը չի եղել։

― Դա քո՞ միտքն է։

― Ոչ։ Ես մտածում էի այդ մասին, Պիլարն ինձ այդպես ասաց։

― Նա շատ իմաստուն կին է։

― Մի բան էլ ասաց Պիլարը, ― ցածր ձայնով շարունակեց Մարիան, ― ասաց ասեմ, որ հիվանդ չեմ։ Պիլարն այդ բաները գիտի, և ասաց, որ ասեմ քեզ։

― Ասաց, որ ի՞նձ ասես։

― Այո։ Ես նրա հետ խոսեցի, ասացի, որ սիրում եմ քեզ։ Այսօր, հենց որ տեսա, ես սիրեցի քեզ, և ես քեզ սիրել եմ միշտ, բայց մինչև հիմա չէի տեսել, ես ասացի Պիլարին, և նա ասաց, որ եթե երբևէ քեզ պատմեմ այն բանի մասին, ասեմ, որ հիվանդ չեմ։ Իսկ այն մեկը շատ վաղուց է ասել։ Գնացքից անմիջապես հետո։

― Ի՞նչ է ասել։

― Ասել է, որ եթե մարդը չի ընդունել այն, ինչ արել են նրան, ուրեմն ոչինչ չի եղել նրան, և եթե ես սիրեմ մեկին, այդ սերը կսրբի֊կտանի ամեն ինչ։ Իսկ ես ուզում էի մեռնել։ Հասկանո՞ւմ ես։

― Այդ ամենը, ինչ ասել է, ճշմարիտ է։

― Եվ ես հիմա երջանիկ եմ, որ չմեռա։ Այնքան բախտավոր եմ, որ չմեռա։ Իսկ դու ինձ կսիրե՞ս։

― Այո։ Ես քեզ սիրում եմ, հենց հիմա։

― Եվ ես կդառնա՞մ քո կինը։

― Ես չեմ կարող կին ունենալ, քանի այս գործն եմ անում։ Բայց դու հիմա իմ կինն ես։

― Եթե ես հիմա քո կինն եմ, ուրեմն հետո էլ կլինեմ։ Ես հիմա քո կի՞նն եմ։

― Այո՛, Մարիա՛։ Այո՛, փոքրիկ նապաստակ։

Աղջիկն ամուր փարվեց Ռոբերտ Ջորդանին, և շրթները փնտրեցին նրա շրթները, հետո գտան, հպվեցին, և տղամարդն զգաց աղջկան՝ թարմ դալար ու ողորկ, ու երիտասարդ, ու գեղեցիկ, տաք, այրող սառնությամբ աղջկան, որ դժվար էր հավատալ, թե այդտեղ է, ննջապարկում, որն իր համար նույնքան հարազատ էր ու սովորական, ինչքան իր հագուստը, կոշիկները, գործը։

― Դե շուտ անենք այն, որպեսզի այն մյուսը չքանա, ― վախվորելով ասաց աղջիկը։

― Ուզո՞ւմ ես։

― Այո՛, ― ասաց նա համարյա մոլեգնած։ ― Այո՛։ Այո՛։ Այո՛։


Գլուխ ութերորդ

Ցուրտ գիշեր էր, և Ռոբերտ Ջորդանը խոր քնել էր։ Մի անգամ արթնացավ, և երբ ձգվեց, զգաց, որ կողքին կծիկ դարձած քնել էր աղջիկը և թեթև համաչափ շնչում էր։ Գլուխը դուրս հանեց, աստղալից գիշերը սուր ու սառնաշունչ էր, պաղ օդը լցվեց ռունգերը։ Ետ քաշվեց, ներսում տաք էր, համբուրեց աղջկա ողորկ ուսը։ Աղջիկը չարթնացավ։ Շրջվեց մյուս կողքին և նորից գլուխը դուրս հանեց ննջապարկից, հետո մի պահ պառկեց այդպես և ըմբոխշնեց ցնցող հոգնության երկարող հաճույքն ու երկուսի մարմինների հպումից առաջացող վայելքի զգացողությունը, հետո ոտքերը ձգեց և նորից խոր քուն մտավ։

Արթնացավ լուսաբացի առաջին շողերի հետ։ Աղջիկը գնացել էր։ Նա այդ մասին իմացավ, երբ արթնացավ ու ձեռքը տարավ այնտեղ, ուր աղջիկն էր պառկել։ Տեղը տաք էր։ Նայեց քարայրի մուտքին, տապճակը եղյամով էր պատված, ժայռի ճեղքից ծուխ էր բարձրանում, ուրեմն օջախը վառել էին։

Անտառից մի մարդ դուրս եկավ, ծածկոցը պոնչոյի նման գլխին էր քաշել։ Ռոբերտ Ջորդանը ճանաչեց՝ Պաբլոն էր, սիգարետ էր ծխում։ Երևի ներքևում է եղել, ձիերին է ցանկապատի մեջ առել։

Պաբլոն մուտքի ծածկոցը քաշեց և առանց Ռոբերտ Ջորդանի կողմը նայելու մտավ քարայր։

Ռոբերտ Ջորդանը ձեռքը դուրս հանեց և շոշափեց ննջապարկը։ Հնգամյա իր ննջապարկի բծավոր, կանաչավուն, պարաշյուտի մետաքսից կարված երեսին եղյամ էր նստել։ Ձեռքը նորից ներս քաշեց։ Bueno,[15] ասաց ինքն իրեն, զգալով ֆլանելի հարազատ փաղաքշանքը։ Հետո ոտքերը լայն տարածեց ննջապարկում, նորից մոտեցրեց իրար, և շրջվեց դեպի արևմուտք, որպեսզի արևը չընկնի երեսին։ Que mas da,[16] մի քիչ էլ կարելի է քնել։

Արթնացավ ինքնաթիռների շարժիչների աղմուկից։ Մեջքի վրա պառկած նա տեսավ շատ փոքր, պսպղուն և արագընթաց ֆաշիստական երեք պարեկող «Ֆիատ», որ թռչում էին այն ուղղությամբ, որտեղից ինքն ու Անսելմոն էին եկել երեկ։ Երեքն անցան, հետո եկան ևս ինը ինքնաթիռ, եռյակներ կազմած, նրանք թռչում էին ավելի բարձրից և ավելի փոքր էին թվում։

Պաբլոն ու գնչուն կանգնել էին քարայրի մուտքի մոտ, ստվերում, և հայացքներն ուղղել էին երկինք։ Ռոբերտ Ջորդանն անշարժ պառկել էր։ Երկինքն հիմա լցված էր շարժիչների ոռնոցով։ Հազար ոտնաչափ բարձրության վրա հայտնվեցին երեք «Հայնքել֊111» երկշարժիչ ռմբակոծիչներ։

Ռոբերտ Ջորդանի գլուխը ժայռի ստվերում էր, նա գիտեր, որ վերևից չեն տեսնի իրեն, թե տեսնեն էլ, նշանակություն չունի։ Նրանք կարող են նկատել նաև ցանկապատված ձիերին, եթե այս վայրերն են հետախուզում, ինչ֊որ բան են փնտրում, կարող են տեսնել, բայց կարող են մտածել նաև, որ իրենց հեծելազորի ձիերն են։ Հիմա արդեն ավելի ուժեղ մի որոտ լսվեց և «Հայնքել111֊երի» մի նոր եռյակ երևաց, թռչում էին աներեր, անշեղ, թռչում էին ավելի ցածրից, մարտական անսասան շարքով, նրանց ոռնոցը crescheno-ով ուժգնացավ, հասավ բացարձակ աղմուկի և ապա հետզհետե նվազեց, երբ ինքնաթիռներն անցան֊գնացին բացատի վրայից։

Ռոբերտ Ջորդանը բացեց իր հագուստների ծրարը, որ գիշերը բարձի տեղ էր ծառայել, և սկսեց հագնել վերնաշապիկը։ Դեռ չէր հասցրել գլուխը մտցնել շապիկի մեջ, որ երկինքը լցվեց նոր ինքնաթիռների աղմուկով։ Առանց ննջապարկից դուրս գալու հագավ շալվարը և անշարժ պառկած մնաց, մինչև որ երկշարժիչ «Հայնքելներն» հեռացան։ Ռմբակոծիչները լեռան թիկունքը դեռ չէին անցել, իսկ Ռոբերտ Ջորդանը արդեն հասցրել էր ատրճանակը կապել մեջքին, ննջապարկն հավաքել ու տեղավորել ժայռի առաջ։ Հիմա նա նստել էր, հենվել ժայռին ու կոշիկների կապերն էր ամրացնում։ Եվ նորից մի դզզոց լսվեց, որն ուժգնացավ, դարձավ ահռելի մի ոռնոց, ավելի ուժեղ, քան նախորդները, և «Հայնքել» մակնիշի ինը թեթև ռմբակոծիչներ շարասյուն կազմած ճեղքեցին երկինքը։

Ռոբերտ Ջորդանը ծառերի կողքով սահեց ու գնաց դեպի քարայրի մուտքը, որտեղ եղբայրներից մեկը, Պաբլոն, գնչուն, Անսելմոն, Ագուստինն ու կինը կանգնել էին ու դուրս էին նայում։

― Առա՞ջ էլ էին այստեղ այսպես ինքնաթիռներ լինում, ― հարցրեց նա։

― Երբեք, ― ասաց Պաբլոն։ ― Ներս անցիր։ Կտեսնեն։

Արևը դեռ չէր ընկել քարայրի մուտքին, դեռ միայն մարգագետինն ու առվակն էին փայլփլում լույսի շողերի տակ։ Ռոբերտ Ջորդանն համոզված էր, որ ծառերի և հսկա ժայռերի վաղ առավոտյան ստվերի տակ իրենց ոչ մի կերպ չեն տեսնի, բայց որպեսզի նրանց չգրգռի, ներս անցավ։

― Շատ են, ― ասաց կինը։

― Դեռ ավելի շատ կլինեն, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Որտեղի՞ց գիտես, ― կասկածանքով հարցրեց Պաբլոն։

― Սրանց ետևից կործանիչներ կթռչեն։

Հեն այդ պահին լսեցին ինքնաթիռների շուրջ հինգ հազար ոտնաչափից եկող միալար կաղկանձը։ Ռոբերտ Ջորդանը հաշվեց՝ տասնհինգ «Ֆիատ» էին, որ վայրի սագերի երամներին նմանող սեպաձև եռյակներ էին կազմել։

Քարայրի մուտքում կանգնած մարդկանց դեմքերը շատ մտահոգ էին։

― Այսքան շատ ինքնաթիռ դուք չեք տեսել, հա՞, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Երբեք, ― ասաց Պաբլոն։

― Սեգովիայում այսքան շատ չկա՞։

― Երբեք այսպիսի բան չի եղել, սովորաբար երեք հատ է լինում։ Պատահում է՝ վեց կործանիչ։ Լինում է նաև երեքշարժիչանի երեք «Յունկերս», դրանց հետ էլ մի այդքան կործանիչ։ Բայց միանգամից այսքան ինքնաթիռ՝ երբեք չի եղել։

Լավ նշան չէ, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Վատ է։ Իսկապես վատ է։ Այսքան ինքնաթիռ որ կենտրոնացրել են այստեղ, վատ նշան է։ Տեսնես արդեն թափո՞ւմ են ռումբերը։ Բայց ոչ, զորքերը դեռ մոտեցած չեն լինի հարձակումն սկսելու համար։ Չէին հասցնի։ Իհարկե հասցրած չեն լինի, գուցե այս գիշեր հասցնեն, ավելի հավանական է վաղը։ Իսկ հիմա հաստատ ոչ մի շարժում չկա։

Հեռացող ոռնոցը դեռ լսվում էր։ Նայեց ժամացույցին։ Հիմա նրանք անցել են ռազմաճակատը, առաջին ինքնաթիռները հաստատ անցել են։ Նա սեղմեց վայրկենաչափի գլխիկը և հետևեց թվահարթակի վրա շարժվող սլաքին։ Ոչ, երևի դեռ ոչ։ Ա՛յ, հիմա։ Այո։ Հիմա անպայման։ «111»֊երը ժամում կտրում են երկու հարյուր հիսուն մղոն։ Այստեղից նրանք կհասնեն այնտեղ հինգ րոպեում։ Նրանք հիմա անցել են կիրճը և թռչում են վաղորդյան Կաստիլիայի վրայով, որն այս պահին դեղին է ու շիկագույն, համատարած դեղինը հատվում է սպիտակ ճամփաներով, գյուղակներն են բծերի նման սփռված այս ու այնտեղ, և «Հայնքելների» ստվերները շարժվում են դեղինի վրայով, ինչպես շնաձկներինը օվկիանոսի ավազոտ հատակին։

Ռումբերի բոմ֊բոմներ չէին լսվում։ Ժամացույցն էր միայն տկտկում։

Կոլմենար են գնում, Էսկորիալ կամ էլ Մանսանարես Էլ Ռեալի օդանավակայանն են թռչում, մտածեց նա, այնտեղ, ուր լճի ափին հին ամրոցն է բարձրանում և եղեգների արանքում վայրի բադեր են լողում, իսկ մի քիչ այն կողմ, իսկական օդանավակայանի կողքին խաբուսիկ օդանավակայանն է՝ կեղծ և անփութորեն թաքցված ինքնաթիռներով, որոնց պրոպելլերները անընդհատ պտտվում են քամուց։ Այնտեղ են գնում։ Հաստատ։ Հարձակման մասին չեն կարող իմացած լինել, ասաց ինքն իրեն, բայց անմիջապես էլ հարց տվեց՝ ինչո՞ւ չեն կարող։ Չէ՞ որ բոլոր հարձակումների մասին էլ նախօրոք իմացել են։

― Ի՞նչ ես կարծում, ձիերին նկատեցի՞ն, ― հարցրեց Պաբլոն։

― Նրանց փնտրածը ձիերը չեն, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Բայց նկատեցի՞ն։

― Եթե հանձնարարված էր, որ փնտրեն։

― Կարո՞ղ էին նկատել։

― Հավանաբար ոչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Միայն այն դեպքում, եթե արևն ընկած լիներ ծառերի վրա։

― Արևը հենց լուսաբացից ծառերի վրա է, ― խղճալի ձայնով ասաց Պաբլոն։

― Ինձ թվում է, որ նրանք ավելի կարևոր գործեր ունեն, քան ձի փնտրելը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

Արդեն ութ րոպե էր անցել այն պահից, որ սեղմել էր վայրկենաչափի գլխիկը, բայց դեռ ռմբակոծման ձայն չէր հասել։

― Ի՞նչ ես անում այդ ժամացույցով, ― հարցրեց կինը։

― Ուզում եմ իմանալ, թե ուր թռան։

― Օ՜, ― ասաց կինը։

Երբ տասը րոպեն անցավ, նա հայացքը կտրեց ժամացույցից։ Գիտեր, որ ռմբակոծման ձայնն այլևս չէր հասնի, եթե նույնիսկ մի րոպե գցեր ձայնի կտրելիք ճանապարհի համար։

― Քեզ հետ խոսելու բան ունեմ, ― ասաց Անսելմոյին։

Անսելմոն դուրս եկավ քարայրի մուտքից, մի քիչ քայլեցին և կանգ առան մի սոճու տակ։

― Que tal? ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։ ― Ո՞նց ես։

― Լավ։

― Հաց կերե՞լ ես։

― Ոչ։ Ոչ մեկն էլ չի կերել։

― Ուրեմն կեր, բացի այդ էլ մի բան վերցրու, որ կեսօրին ուտես։ Ես ուզում եմ, որ դու գնաս և հետևես, թե ինչ է կատարվում ճանապարհի վրա։ Նշիր, թե ինչեր են անցնում ճանապարհով, թե դեպի վերև, թե ներքև։

― Ես գրել չգիտեմ։

― Դրա կարիքը չկա։ ― Ռոբերտ Ջորդանը նոթատետրից երկու թերթ պոկեց, դանակով մատիտի ծայրից մի մատնաչափ կտրեց։ ― Վերցրո՛ւ, ― ասաց, հետո տանկանման մի բան գծեց։ ― Սա քեզ տանկ։ Ամեն անգամ որ տանկ անցնի, սրա տակը մի գծիկ քաշիր, երբ հինգերորդ տանկն անցնի, դրանց վրայով լայնակի հինգերորդ գիծը կքաշես։

― Մենք էլ ենք այդպես հաշվում։

― Դե լավ է։ Իսկ բեռնատարներն այսպես կնշես՝ երկու անիվ ու մի տուփ։ Եթե դատարկ են, տակը շրջանակ ես գծում, եթե վրան զինվորներ կան, ուղիղ գիծ քաշիր։ Բոլոր հրանոթները կնշես։ Մեծերն այսպես, փոքրերն՝ այսպես։ Սա էլ մարդատար մեքենաների նշանը։ Այս էլ՝ սանիտարական, երկու անիվ ու մի տուփ, վրան՝ խաչ։ Նշում ես հետևակը ըստ վաշտերի, այսպես տեսնո՞ւմ ես։ Մի փոքրիկ շրջանակ, կողքին նշանը։ Հեծելազորի նշանը սա է, տեսնո՞ւմ ես։ Ձիու նման։ Մի տուփ, չորս ոտք։ Սա քսանհինգանոց ջոկատ է։ Հասկացա՞ր։ Ամեն ջոկատի տակ մի գիծ կքաշես։

― Այո։ Հնարամիտ է։

― Հիմա, ― ասաց նա ու երկու մեծ անիվ գծեց, հետո դրանք առավ երկրորդ շրջանակի մեջ և հրանոթի փող պատկերող մի գիծ քաշեց։ ― Սրանք հակատանկային հրանոթներ են, ռետինե դողերով։ Նշի՛ր։ Իսկ սրանք զենիթային են։ ― Երկու անիվ գծեց ու վերև ցցված մի փող։ ― Սրանք էլ նշիր։ Հասկացա՞ր։ Այսպիսի հրանոթներ տեսե՞լ ես։

― Այո, ― ասաց Անսելմոն։ ― Իհարկե տեսել եմ։ Պարզ է։

― Գնչուին վերցրու հետդ, թող տեղդ իմանա, որպեսզի գա իմաց տա, որ վերադառնաս։ Ապահով տեղ կընտրես, շատ մոտ չգնաս, բայց այնպիսի տեղ լինի, որ ամեն ինչ լավ երևա, նաև հանգիստ լինի։ Կմնաս մինչև որ ետ կանչեմ։

― Հասկացա։

― Դե լավ։ Երբ վերադառնաս, ես կիմանամ, թե ինչեր են անցել ճանապարհով։ Ուրեմն այն մի թերթի վրա նշում ես վերև գնացողներին, մյուսի վրա՝ ներքև շարժվողներին։

Գնացին դեպի քարայր։

― Ռաֆայելին ուղարկիր մոտս, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և մնաց ծառի կողքին։ Անսելմոն մտավ քարայր և ծածկոցը փակեց նրա վրա։ Ձեռքով սրբելով բերանը՝ քարայրից դուրս թռավ գնչուն։

― Que tal? ― ասաց գնչուն։ ― Գիշերը լավ զվարճացա՞ր։

― Ես քնել եմ։

― Ավելի լավ, ― ասաց գնչուն ու քմծիծաղեց։ ― Սիգարետ ունե՞ս։

― Լսիր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և սկսեց շոշափելով սիգարետ փնտրել գրպաններում։ ― Ես ուզում եմ, որ դու Անսելմոյի հետ գնաս և իմանաս այն տեղը, որտեղից որ նա հետևելու է ճանապարհին։ Դու նրան թող այնտեղ ու վերադարձիր, բայց տեղը լավ հիշիր, որպեսզի հետո, երբ պետք լինի ինձ կամ մեկ ուրիշին, ուղեկցես։ Բացի այդ, այսօր կգնաս սղոցարանը կստուգես, տես փոփոխություններ եղել են թե ոչ պահակակետերում։

― Ի՞նչ փոփոխություն։

― Հիմա քանի՞ հոգի կա այնտեղ։

― Ութ։ Վերջին անգամ որ ստուգեցի, այդքան էր։

― Կնայես, կիմանաս, թե հիմա քանի հոգի են։ Տես թե քանի ժամը մեկ են ժամապահներին փոխում կամրջի վրա։

― Ժամացույց չունեմ։

― Վերցրու իմը։ ― Արձակեց ժամացույցի ճարմանդը։

― Այ թե ժամացույց է, ― հիացմունքով ասաց Ռաֆայելը։ ― Ինչ ասես կա վրան։ Սա կարող է կարդալ էլ, գրել էլ։ Այս ինչքա՜ն թվեր կան։ Սրանից դենը ժամացույց չի կարող լինել։

― Խաղ մի արա հետը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ժամը կարո՞ղ ես որոշել։

― Ինչո՞ւ չէ։ Ցերեկվա ժամը տասներկուսին սովածանում ես։ Գիշերվա ժամը տասներկուսին քնում ես։ Առավոտյան ժամը վեցին սովածանում ես։ Երեկոյան ժամը վեցին խմում ես, եթե բախտդ բերեց։ Երեկոյան ժամը տասին․․․

― Ձենդ կտրի՛ր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Խեղկատակության կարիք չկա։ Ես ուզում եմ, որ դու ստուգես նաև մեծ կամրջի ու ճանապարհի պահակակետերի ժամապահների հերթափոխությունը։

― Շատ եղավ, ― ասաց գնչուն։ ― Ավելի լավ կլիներ, եթե մի ուրիշին ուղարկեիր։

― Ո՛չ, Ռաֆայել։ Սա շատ կարևոր գործ է։ Դո՛ւ պետք է անես և պետք է շատ զգույշ անես, պիտի աշխատես ոչ մեկի աչքով չընկնել։

― Ես էլ եմ կարծում, որ ոչ մեկի աչքով պետք չէ ընկնեմ, ― ասաց գնչուն։ ― Իսկ ինչո՞ւ ես զգուշացնում, որ ոչ մեկի աչքով չընկնեմ։ Չլինի՞ մտածում ես, թե ուզում եմ սպանվել։

― Մի քիչ լուրջ եղիր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Սա լուրջ գործ է։

― Ասում ես լո՞ւրջ լինեմ։ Եվ այն բանից հետո՞, ինչ դու արեցիր երեկ գիշեր։ Երբ պետք է մեկին սպանեիր, փոխարենն արեցիր այն, ինչ արեցիր։ Դու պետք է մի հոգու սպանեիր և ոչ թե մի հոգու կյանք տայիր։ Ասում ես լուրջ եղիր։ Իսկ դու չտեսա՞ր երկնքով մեկ լցված ինքնաթիռները, որ շուտով մեզ էլ են սպանելու, մեր պապերին էլ, ապուպապերին էլ, չծնված թոռներին էլ, դրանց հետ նաև կատուներին, այծերին, փայտոջիլներին։ Տեսար, չէ՞, ինքնաթիռները, դրանց ձայնից մոր կաթը կրծքի մեջ կտրվում է, ոնց էր երկինքը խավարել, ոնց էին առյուծի պես մռնչում, իսկ դու ինձ ասում ես լուրջ եղիր։ Հենց այդ է, որ ես շատ լուրջ եմ։

― Հիանալի է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և ծիծաղեց ու ձեռքը դրեց գնչուի ուսին։ ― Դա արդեն շատ լուրջ է։ Այդքան կարիք չկա։ Նախաճաշդ վերջացրու ու գնա։

― Իսկ դո՞ւ, ― հարցրեց գնչուն։ ― Դու ի՞նչ ես անելու։

― Գնալու եմ Էլ Սորդոյի մոտ։

― Այսօրվա ինքնաթիռներից հետո երևի այս տեղերում մարդ չգտնես, ― ասաց գնչուն։ ― Առավոտյան որ դրանք անցան, շատերի վրա քրտինքը տվեց։

― Դրանք ավելի կարևոր գործերով են զբաղվում, դրանց պարտիզաններ որսալու չեն ուղարկում։

― Այո, ― ասաց գնչուն։ Հետո տարուբերեց գլուխը։ ― Բայց եթե այդ գործն էլ անե՞ն։

― Que va, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Դրանք գերմանական ամենալավ թեթև ռմբակոծիչներն են։ Դրանց գնչու որսալու չեն ուղարկի։

― Ես վախից չորացա, ― ասաց Ռաֆայելը։ ― Ես դրանցից վախենում եմ, հա՛, վախենում եմ։

― Նրանք գնացին օդանավակայանը ռմբակոծելու, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, երբ քարայր մտան։ ― Այո, հաստատ այնտեղ գնացին։

― Այդ ի՞նչ ես ասում, ― հարցրեց Պաբլոյի կինն ու սուրճը լցնելով բաժակի մեջ՝ խտացրած կաթի տուփի հետ մեկնեց Ռոբերտ Ջորդանին։

― Կա՞թ էլ կա։ Ա՜յ շքեղություն։

― Ամեն ինչ էլ կա, ― ասաց կինը։ ― Ինքնաթիռներից հետո սարսափ էլ կա։ Ասացիր ո՞ւր գնացին։

Ռոբերտ Ջորդանը խտացրաց կաթ լցրեց բաժակի մեջ, տուփի կողքերի մնացուկը սրբեց բաժակի եզրով և սկսեց խառնել սուրճը, որը բաց շագանակագույն դարձավ։

― Ես կարծում եմ, որ գնացին մի օդանավակայան ռմբակոծելու։ Կարող են նաև Էսկորիալ կամ Կալմենար գնացած լինել։ Գուցե երեք տեղն էլ։

― Թող ուր գնում են գնան, միայն թե մեզնից հեռու մնան, ― ասաց Պաբլոն։

― Իսկ ինչո՞ւ են հիմա այս կողմերում հայտնվել, ― հարցրեց կինը։ ― Ի՞նչն է դրանց այստեղ բերել։ Այսպիսի ինքնաթիռներ երբեք չէի տեսել։ Այն էլ այսքան շատ։ Հարձակմա՞ն են պատրաստվում։

― Երեկ գիշեր ճանապարհի վրա զորքերի տեղաշարժ կա՞ր, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։ Աղջիկը՝ Մարիան, կիպ կանգնել էր կողքին, բայց նա աղջկան չէր նայում։

― Լսիր, Ֆերնանդո, ― ասաց կինը, ― դու երեկ գիշեր Լա Գրանխայում էիր, զորքերի տեղաշարժ նկատեցի՞ր։

― Ոչ մի, ― պատասխանեց կարճահասակ, բաց դեմքով, մոտ երեսունհինգ տարեկան, աչքի մեկը շիլ մի մարդ, որին Ռոբերտ Ջորդանը նոր էր տեսնում։ ― Մի քանի բեռնատար եմ տեսել, սովորականի պես։ Մի քանի բեռնատար մեքենա։ Քանի դեռ այնտեղ էի, զորքերի տեղաշարժ չկար։

― Դու ամեն գիշե՞ր ես Լա Գրանխա գնում, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Կամ ես եմ գնում, կամ մեկ ուրիշը, ― ասաց Ֆերնանդոն։ ― Միշտ էլ մեկնումեկը գնում է։

― Գնում են նորություններ իմանալու։ Ծխախոտ են բերում, մանր֊մունր բաներ, ― ասաց կինը։

― Մերոնցից կա՞ն այնտեղ։

― Կան։ Ինչո՞ւ չէ։ Էլեկտրակայանի բանվորները։ Ուրիշներ էլ։

― Իսկ ի՞նչ նորություն կա։

― Pues nada: Ոչ մի։ Հյուսիսում գործերը վատ են։ Դա նորություն չէ։ Այնտեղ միշտ էլ վատ են եղել, հենց առաջին օրվանից։

― Սեգովիայի մասին որևէ բան լսե՞լ ես։

― Չէ, hombre,[17] ոչ էլ հարցրել եմ։

― Սեգովիա՞ էլ ես գնում։

― Պատահում է, ― ասաց Ֆերնանդոն։ ― Բայց այնտեղ վտանգավոր է։ Պարեկներն ամեն քայլափոխի փաստաթուղթ են հարցնում։

― Այնտեղի օդանավակայանին ծանո՞թ ես։

― Չէ, hombre: Գիտեմ, թե որտեղ է, բայց մոտիկ չեմ գնացել։ Այնտեղ փաստաթղթեղթերի ստուգումը շատ խիստ է։

― Երեկ գիշեր այս ինքնաթիռների մասին ոչինչ չէի՞ն խոսում։

― Լա Գրանխայո՞ւմ։ Ոչ մի խոսք։ Բայց այս գիշեր կխոսեն։ Խոսում էին Քեյփո դե Լիանոյի ճառի մասին, ռադիոյով հաղորդել են։ Ուրիշ ոչինչ։ Ախ հա՜։ Խոսում էին, թե իբր Հանրապետությունը հարձակման է պատրաստվում։

― Ի՞նչ։

― Հանրապետությունը հարձակման է պատրաստվում։

― Որտե՞ղ։

― Հաստատ չգիտեին։ Գուցե այստեղ։ Գուցե Սիեռայի, մի ուրիշ մասում։ Դու լսե՞լ ես այդ մասին։

― Դա Լա Գրանխայո՞ւմ էին խոսում։

― Այո, hombre: Ես դա մոռացել էի։ Դե միշտ էլ խոսել են հարձակումների մասին։

― Որտեղի՞ց են այդ լուրերը հասնում։

― Որտեղի՞ց։ Տարբեր մարդկանցից, Սեգովիայի ու Ավիլայի սրճարաններում սպաները նստած խոսում են, մատուցողները ականջ են դնում։ Եվ լուրը գնաց, տարածվեց։ Ահա, այս արդեն քանի ժամանակ է, խոսում են, որ Հանրապետությունը պատրաստվում է հարձակման այս վայրերում։

― Հանրապետությո՞ւնը թե՝ ֆաշիստները։

― Հանրապետությունը։ Եթե ֆաշիստները պատրաստվեին, դա արդեն հաստատ կիմանային բոլորը։ Ոչ, ֆաշիստները չեն։ Եվ ասում են մեծ հարձակում է լինելու։ Ոմանք ասում են նույնիսկ, որ երկուսն է լինելու։ Մեկը այստեղ, մեկը՝ Ալտո դել Լեոնից այն կողմ, Էսկորիայի մոտ։ Դու դրա մասին որևէ բան լսե՞լ ես։

― Ուրիշ ի՞նչ ես լսել։

― Nada hombre: Ոչինչ։ Ախ հա՜։ Ասում էին, որ երբ հարձակումն սկսվի, հանրապետականները փորձելու են կամուրջները պայթեցնել։ Բայց կամուրջները պաշտպանված են։

― Չե՞ս կատակում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը՝ սուրճը կուլ տալով։

― Ոչ, hombre, ― ասաց Ֆերնանդոն։

― Սա չի կատակում, ― ասաց կինը։ ― Ուր էր, թե կատակեր։

― Ուրեմն այդպես, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Շնորհակալություն նորությունների համար։ Ուրիշ ոչինչ չե՞ս լսել։

― Ոչ։ Էլի, սովորականի պես, ասում են, թե արդեն Վալլադոլիդից զորքը ճամփա է ընկել։ Բայց այդ խոսակցությունները միշտ էլ եղել են։ Կարևորություն պետք չէ տալ դրանց։

― Ո՞նց ես, ― համարյա չարախնդալով ասաց Պաբլոյի կինը Պաբլոյին։ ― Այս էլ քո զրույցները ապահովության մասին։

Պաբլոն մտախոհ նայեց նրան ու քորեց ծնոտը։

― Դու ո՞նց ես, ― ասաց նա։ ― Այդ էլ քո կամուրջները։

― Ի՞նչ կամուրջներ, ― ուրախ հարցրեց Ֆերնանդոն։

― Ապո՛ւշ, ― ասաց կինը նրան։ ― Հաստագլո՛ւխ։ Tonto:[18] Վերցրո՛ւ, մի բաժակ սուրճ խմիր, հիշիր՝ է՞լ ինչ նորություններ ես լսել։

― Ինչո՞ւ ես բարկանում, Պիլար, ― հանգիստ և ուրախ ասաց Ֆերնանդոն։ ― Լուրեր են, էլի, ի՞նչ եք հուզվում։ Ինչ որ հիշում էի, բոլորը պատմեցի քեզ ու այս ընկերոջը։

― Ուրիշ ոչ մի բան չե՞ս հիշում, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Ոչ, ― ասաց Ֆերնանդոն արժանապատվությամբ։ ― Դեռ բախտավորություն է, որ այսքանն էլ հիշեցի, որովհետև դրանք ասեկոսներ են, իսկ ես երբեք դրանց վրա ուշադրություն չեմ դարձնում։

― Նշանակում է ուրիշ բաներ էլ էին խոսում։

― Այո։ Հնարավոր է։ Բայց ես ուշադրություն չեմ դարձրել։ Այս մի տարի է, ասեկոսեից բացի ուրիշ բան չեմ լսել։

Ռոբերտ Ջորդանը լսեց իր թիկունքում կանգնած Մարիայի փռթկոցը։

― Ֆերնանդո, մի ասեկոսե էլ պատմիր, ― ասաց աղջիկը, և ուսերը նորից ցնցվեցին։

― Հիշեի էլ չէի պատմի, ― ասաց Ֆերնանդոն։ ― Մարդու արժանապատվությունից ցածր բան է ասեկոսեներ լսելն ու դրանց կարևորություն տալը։

― Եվ սա Հանրապետություն է փրկելու, ― ասաց կինը։

― Չէ։ Դու ես փրկելու կամուրջներ պայթեցնելով, ― ասաց Պաբլոն։

― Դուք գնացեք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը Անսելմոյին ու Ռաֆայելին։ ― Եթե արդեն նախաճաշել եք։

― Հիմա, ― ասաց ծերունին, և երկուսն էլ վեր կեցան։ Ռոբերտ Ջորդանն զգաց, որ մեկը ձեռքը դրել է իր ուսին։ Մարիան էր։

― Դու էլ նախաճաշիր։ Կե՛ր, ― ասաց աղջիկը և ձեռքը պահեց ուսին։ ― Լավ կեր, որպեսզի ստամոքսդ կարողնա դիմանալ նոր ասեկոսեների։

― Ախորժակս փախավ այդ ասեկոսեներից։

― Չէ։ Այդպես չի լինի։ Կե՛ր, քանի դեռ նոր ասեկոսեներ չենք լսել։ ― Աղջիկը պնակը դրեց նրա առաջը։

― Ինչո՞ւ ես ձեռ առնում ինձ, Մարիա, ― ասաց Ֆերնանդոն։ ― Չէ՞ որ մենք լավ բարեկամներ ենք։

― Ձեռ չեմ առնում քեզ, Ֆերնանդո։ Ես նրա հետ եմ կատակում, նա պետք է ուտի, թե չէ սոված կմնա։

― Բոլորս էլ պետք է ուտենք, ― ասաց Ֆերնանդոն։ ― Պիլար, ի՞նչ պատահեց, ինչո՞ւ հաց չեք դնում։

― Ոչ մի բան, բարեկամս, ոչ մի բան, ― ասաց Պաբլոյի կինն ու Ֆերնանդոյի ամանի մեջ շոգեխաշած միս դրեց։ ― Կե՛ր։ Ուտել դու կարող ես։ Այո, կարող ես։ Կեր։

― Շատ լավն է, Պիլար, ― ասաց Ֆերնանդոն անվրդով արժանապատվությամբ։

― Շնորհակալ եմ, ― ասաց կինը։ ― Դարձյալ ու դարձյալ շնորհակալ եմ։

― Բարկանո՞ւմ ես ինձ վրա, ― հարցրեց Ֆերնանդոն։

― Ոչ, ոչ։ Կե՛ր։ Դու ուտելուդ նայիր, կե՛ր։

― Ուտում եմ, ― ասաց Ֆերնանդոն։ ― Շնորհակալ եմ։

Ռոբերտ Ջորդանը նայեց Մարիային, աղջիկը նորից սկսեց ծիծաղել ու հայացքը շրջեց։ Ֆերնանդոն անվրդով, կամաց֊կամաց ուտում էր։ Նրա դեմքի հպարտության ու արժանապատվության արտահայտությունը չէին կարողանում աղարտել ո՛չ ձեռքի անճոռնի, հսկա գդալը, ո՛չ բերանի կողքերից ծորացող շոգեխաշած հյութեղ մսի կաթիլները։

― Ճաշը հավանեցի՞ր, ― հարցրեց նրան Պաբլոյի կինը։

― Այո, Պիլար, ― ասաց նա լիքը բերանով։ ― Սովորականի պես է։

Ռոբերտ Ջորդանը թևի վրա զգաց Մարիայի ձեռքը, զգաց մատների հեշտալի սեղմումը։

― Դրա՞ համար ես հավանում, հա՞, ― հարցրեց կինը Ֆերնանդոյին։ ― Հավանում ես, որովհետև սովորականի պես է, ― ասաց նա։ ― Շոգեխաշած միս է, սովորականի պես։ Como siempre: Գործերը վատ են հյուսիսում, սովորականի պես։ Այստեղ հարձակում է սկսվելու, սովորականի պես։ Զորքեր են ուղարկում, որպեսզի մեզ որսան, սովորականի պես։ Քեզ կարելի է որպես հուշարձան կանգնեցնել ու վրադ էլ գրել՝ սովորականի պես։

― Բայց վերջին երկուսը, որ ասացիր, ասեկոսեներ են, Պիլար։

― Իսպանիա՜, ― ողբաձայն կանչեց Պաբլոյի կինը, հետո դարձավ Ռոբերտ Ջորդանին։ ― Այսպիսի մարդիկ ուրիշ երկրներում էլ տեսնես կա՞ն։

― Իսպանիայի նման երկիր չկա, ― քաղաքավարությամբ ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Ճիշտ ես, ― ասաց Ֆերնանդոն։ ― Իսպանիայի նման երկիր աշխարհում չկա։

― Իսկ դու ուրիշ երկիր տեսե՞լ ես, ― հարցրեց կինը։

― Ոչ, ― ասաց Ֆերնանդոն։ ― Ոչ էլ ուզում եմ տեսնել։

― Տեսնում ես, չէ՞, ― ասաց Պաբլոյի կինը Ռոբերտ Ջորդանին։

― Ֆերնանդիտո, ― ասաց Մարիան։ ― Պատմիր, թե ոնց Վալենսիա գնացիր։

― Ինձ դուր չեկավ Վալենսիան։

― Ինչո՞ւ, ― հարցրեց Մարիան և նորից սեղմեց Ռոբերտ Ջորդանի թևը։ ― Ինչո՞ւ դուր չեկավ։

― Անկիրթ մարդիկ են, հետո էլ չէի հասկանում, թե ինչ են խոսում։ Մի գլուխ che[19] են գոռում։

― Իսկ նրանք քեզ հասկանո՞ւմ էին, ― հարցրեց Մարիան։

― Ձևացնում էին, թե իբր չեն հասկանում, ― ասաց Ֆերնանդոն։

― Իսկ դու ի՞նչ էիր անում այնտեղ։

― Ես այնտեղ չմնացի, թողի հեռացա, նույնիսկ ծովը չտեսա, ― ասաց Ֆերնանդոն։ ― Ժողովուրդը դուրս չեկավ։

― Դե կորի՛ գնա, պառաված օրիորդ, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Գնա՛, թե չէ արդեն սկսեց սիրտս խառնել։ Վալենսիա։ Ես այնտեղ իմ կյանքի լավագույն օրերն եմ ապրել։ Vamos:[20] Վալենսիա։ Չփորձես իմ մոտ Վալենսիայից խոսել։

― Դու ի՞նչ էիր անում այնտեղ, ― հարցրեց նրան Մարիան։

Պաբլոյի կինը վերցրեց մի բաժակ սուրճ, մի կտոր հաց, մի պնակ շոգեխաշած միս ու նստեց սեղանի առաջ։

― Qui?[21] Ի՞նչ էինք անում այնտեղ։ Ես այնտեղ Ֆինիտոյի հետ էի, նա պայմանագիր ուներ, Feria[22]֊յի ընթացքում երեք ցլամարտի պիտի մասնակցեր։ Ես երբեք այդքան ժողովուրդ չեմ տեսել։ Չեմ տեսել, որ սրճարաններն այդպես բերնեբեան լցված լինեն։ Չորս ժամ կանգնում էիր, որպեսզի տեղ ազատվի, նստես։ Տրամվայ հնարավոր չէր բարձրանալ։ Վալենսիա։ Բոլորը ոտի վրա էին, գիշեր ու զօր։

― Բայց դուք, դուք ի՞նչ էիք անում, ― հարցրեց Մարիան։

― Ամեն ինչ, ― ասաց կինը։ ― Գնում էինք ծովափ, մտնում էինք ջուրը, նայում էինք, թե ինչպես են ցուլերը առագաստանավերը ծովից դուրս քաշում։ Այնտեղ այսպիսի բան են անում։ Ցուլերին քշում֊հասցնում են ափից բավական հեռու կանգնած առագաստանավերի մոտ, այնքան, որ ոտները հատակից կտրվում են, հետո լծում են առագաստանավերին ու նրանք սկսում են լող տալ դեպի ափ, մոտենում են, մոտենում, մեկ էլ ոտի տակ ավազ են զգում և օրորվելով նետվում են առաջ։ Նայում ես՝ տասը լուծ ցուլ, առավոտյան, քաշ են տալիս պարզված առագաստներով նավը, իսկ ալիքները թույլ֊թույլ գալիս ու փշրվում են ափին։ Սա է Վալենսիան։

― Նայում էիք ցուլերին, բացի դրանից ուրիշ ի՞նչ էիք անում։

― Ուտում էինք ծովափնյա ավազուտի տաղավարներում։ Կարկանդակներ էինք ուտում, մանր կտրատած ձկան կարկանդակ, կարմիր ու կանաչ տաքդեղով, մանրատած ընկույզով, խմորը փափուկ, շերտ֊շերտ, ձուկը յուղալի, հրաշք մի բան։ Խեցգետին էինք ուտում, թարմ, հենց նոր ծովից հանած խեցգետին, լիմոնը վրան քամած, վարդագույն, անուշ, խոշոր, ամեն մեկը չորս բերան։ Խեցգետին շատ էինք ուտում։ Հետո paella էինք ուտում, տապակած օձաձուկ, բարալիկ, ոնց որ կանաչ լոբի, ծուռումուռ, փուխր, բերանիդ մեջ հալվում է, ծամել էլ պետք չէ։ Ամբողջ օրը գինի էինք խմում, սպիտակ գինի, սառը, թեթև, հաճելի, շիշը երեսուն սանտիմո։ Եվ վերջապես սեխ էինք ուտում, սեխ։ Վալենսիան սեխի հայրենիքն է։

― Կաստիլիայի սեխը ավելի լավ է, ― ասաց Ֆերնանդոն։

― Que va, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Կաստիլիայի սեխը խայտառակություն է, սեխ չէ։ Պիտի ուտես Վալենսիայի սեխը, ամեն մեկը մարդաթև երկարություն, կանաչ, ոնց որ ծովը, կտրելիս այնպես են խշխշում, հյութալի, քաղցր, ավելի քաղցր, քան ամռան առավոտը։ Ա՜խ երբ հիշում եմ այդ մանր օձաձկները, բարալիկ, համեղ, ամանների մեջ կիտված, հետո գարեջուրը, որ խմում էինք կժերով, ջրի սափորների չափսի կժերով, խմում էինք կեսօրից սկսած մինչև իրիկուն, այնքան սառն էին, որ կժերը քրտնում էին։

― Իսկ բացի ուտելուց ու խմելուց, էլ ի՞նչ էիք անում։

― Սեր էինք անում։ Փակվում էինք սենյակում ու սեր էինք անում։ Պատշգամբին նայող փեղկերը փայտյա ձողիկներից էին, դռան վերևի բացվածքից քամին մեղմ փչում էր, իսկ դուռը բացուխուփ էր լինում ծխնիների վրա։ Այդտեղ, փակված պատուհանների ետևում, մթության մեջ, օրը ցերեկով սեր էինք անում։ Սենյակը լցվում էր կողքի ծաղկի շուկայից եկող բույրով, վառոդի հոտով։ Feria֊այի օրերին, ամեն կեսօր հրավառություն էր տեղի ունենում, ամբողջ քաղաքով մեկ, այնպես էին արել, որ քաղաքի բոլոր հրակետերը միմյանց կապված լինեն, տրամվայների կայծերից բռնկվում էին, պայթում էին ահռելի աղմուկով, այնպիսի դղրդյուն էր բարձրանում քաղաքի մի մասից մյուսը, երևակայել իսկ չես կարող։ Եվ մենք սեր էինք անում։ Հարկաբաժնի աղջկան ուղարկում էինք, որպեսզի նորից կժով գարեջուր բերի։ Կիսաբաց դռնից վերցնում էի սառը կուժը ու հպում քնած Ֆինիտոյի մեջքին, իսկ նա թե՝ «Լավ էլի, Պիլար։ Լավ էլի, ա՛յ կնիկ, թող քնեմ»։ Իսկ ես ասում էի․ «Ո՛չ, զարթնի՛ր, խմի՛ր, տես ինչ սառն է», և նա առանց աչքերը բացելու խմում էր ու նորից քնում, իսկ ես ոտների մոտ, մեջքս դեմ արած բարձին, նայում էի թուխ, սևահեր, երիտասարդ Ֆինիտոյին, որ հանգիստ քնել էր, ու խմում էի, խմում էի ամբողջ կուժն ու լսում փողոցով անցնող նվագախմբին։ Իսկ դու, ― ասաց կինը Պաբլոյին, ― դու հասկանո՞ւմ ես, թե դա ինչ բան է, գոնե մի փոքր։

― Մենք էլ քիչ բան չենք արել իրար հետ, ― ասաց Պաբլոն։

― Ճիշտ է, ― ասաց կինը։ ― Այո։ Ժամանակին դու նույնիսկ ավելի տղամարդ էիր, քան Ֆինիտոն։ Բայց մենք քեզ հետ երբեք Վալենսիայի փողոցներով անցնող նվագախմբին չլսեցինք։

― Դա անհնար էր, ― ասաց Պաբլոն։ ― Առիթ չի եղել Վալենսիա գնալու։ Դու դա լավ գիտես, բայց չես ուզում արդար դատել։ Իսկ Ֆինիտոյի հետ դու երբեք և ոչ մի գնացք չես պայթեցրել։

― Ոչ, չեմ պայթեցրել, ― ասաց կինը։ ― Այո, հիմա միայն դա է մնացել մեզ։ Գնացքը։ Այո։ Գնացքը մնում է։ Դրա դեմ ոչ ոք ոչինչ չի կարող ասել։ Չնայած քո ողջ ծուլության, անբանության, դա մնում է։ Նախկինում շատ ուրիշ բաներ էլ են եղել։ Չեմ ուզում անարդարացի լինել, բայց Վալենսիայի դեմ էլ ոչ ոք ոչինչ չի կարող ասել։ Լսեցի՞ք։

― Ես չհավանեցի, ― հանգիստ ասաց Ֆերնանդոն։ ― Ինձ դուր չեկավ Վալենսիան։

― Եվ այս բոլորից հետո էլ որպես համառության օրինակ բերում են ջորուն, ― ասաց կինը։ ― Մարիա՛, սեղանը հավաքիր, գնալու ենք․

Այս խոսքերի վրա լսվեց վերադարձող ինքնաթիռների առաջին ձայնը։


Գլուխ իններորդ

Նրանք կանգնել էին քարայրի մուտքում և հայացքով հետևում էին ինքնաթիռներին։ Ռմբակոծիչներն հիմա թռչում էին բարձրից, մեծ արագությամբ, սարսափազդու սլաքներ կազմած ճեղքում էին երկինքն ու լցնում շարժիչների աղմուկով։ Շնաձկների են նման, մտածեց Ռոբերտ Ջորդանը, Գոլֆստրիմի սրաքիթ, լայն լուղակներով շնաձկներին։ Բայց արծաթափայլ լայն լուղակներով, արևի շողերի մեջ թեթևակի մշուշվող պրոպելլերներով, ոռնոցով թռչող այս ինքնաթիռների շարժումը նման էր շնաձկների շարժումին։ Սրանք առհասարակ գոյություն ունեցող ոչ մի բանի պես չեն շարժվում։ Սրանք շարժվում են ճակատագրի նման, մեքենայացված ճակատագրի։

Դու պետք է գրես, ասաց ինքն իրեն։ Գուցե մի օր վերստին սկսես։ Զգաց, որ Մարիան բռնել է թևը։ Նա վերև էր նայում։

― Քեզ ի՞նչ է թվում, ինչի՞ են նման, guapa,[23]

― Չգիտեմ, ― ասաց նա։ ― Մահվան երևի։

― Իսկ ես կարծում եմ, որ պարզապես ինքնաթիռների են նման, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Իսկ փոքրերն ո՞ւր մնացին։

― Երևի ուրիշ կողմով են անցել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Այս ռմբակոծիչները շատ արագընթաց են, չեն սպասում կործանիչներին։ Ռազմագծից այն կողմ որ անցան, մերոնք այլևս չեն հետապնդում սրանց։ Այնքան ինքնաթիռ չունենք, որ ռիսկի դիմենք։

Հենց այդ պահին «Հայնքել» տիպի երեք կործանիչներ երևացին։ Լայնատարած թևերով, տափակ քթով, անճոռնի խաղալիքների նման եկան դեպի իրենց կողմը, եկան սեպ կազմած, բացատի վրայով, ծառերի կատարներից մի քիչ բարձրով, աճող դղրդյունով, քանի մոտեցան այնքան մեծացան, երևացին իրենց իսկական, սարսափազդու չափսերով ու ոռնոցով հեռացան։ Այնքան ցածրից էին թռչում, որ քարայրի բերանում կանգնածները տեսան կաշվի սաղավարտներով ու ակնոցներով օդաչուներին, տեսան նույնիսկ առաջին ինքնաթիռի օդաչուի ծածանվող շարֆը։

― Սրանք կարող են ձիերին տեսնել, ― ասաց Պաբլոն։

― Սրանք կարող են սիգարետիդ կրակն էլ տեսնել, ― ասաց կինը։ ― Ծածկոցը քաշեք։

Ինքնաթիռներ այլևս չերևացին։ Մյուսները երևի ուրիշ ճամփով էին գնացել։ Աղմուկը դադարել էր։ Բոլորը դուրս եկան քարայրից։

Հիմա երկինքը դատարկ էր և բարձր, և կապույտ, և ջինջ։

― Կարծես գիշերվա երազ լիներ, ― ասաց Մարիան Ռոբերտ Ջորդանին։

Ոչ մի ձայն չկար օդում, չկար նույնիսկ այն թույլ բզզոցը, որը շարունակում է աղմուկից հետո մնալ ականջում, և հիշեցնում է այն ձայնը, որ զգում ես, երբ մատդ մտցնում ես ականջդ, և որը դադարում է, երբ հանում ես մատդ։

― Դրանք երազ չեն, գնա սեղանը հավաքիր, ― ասաց Պիլարը աղջկան։ ― Ի՞նչ ես անում, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանին, ― ձիո՞վ ենք գնում, թե՞ ոտով։

Պաբլոն նայեց նրան ու ինչ֊որ բան մռթմռթաց։

― Ոնց կամենաս, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Որ այդպես է՝ քայլենք, ― ասաց կինը։ ― Լյարդիս համար քայլելը լավ է։

― Լյարդի համար ձիով գնալն է լավը։

― Ճիշտ ես, բայց հետույքիս համար վատ է։ Կգնանք ոտով, իսկ դու, ― դարձավ Պաբլոյին, ― գնա յաբուներդ հաշվիր, տես չե՞ն թռել֊գնացել որևէ մեկի հետ։

― Ձի չե՞ս ուզում, ― հարցրեց Պաբլոն Ռոբերտ Ջորդանին։

― Ոչ։ Շատ շնորհակալ եմ։ Իսկ աղջիկն ինչպե՞ս է գալու։

― Թող քայլի, լավ է, ― ասաց Պիլարը, ― թե չէ բոլոր մասերը կոշտուկներով կպատի ու էլ բանի պետք չի գա։

Ռոբերտ Ջորդանը զգաց, որ կարմրում է։

― Լա՞վ ես քնել, ― հարցրեց Պիլարը։ Հետո ասաց․ ― Ոչ մի հիվանդություն չունի։ Եվ իրոք։ Բայց կարող էր լինել։ Չեմ էլ հասկանում, թե ո՞նց չի եղել։ Երևի այնուամենայնիվ դեռևս աստված կա, չնայած մենք ասում ենք չկա։ Դու գնա, ― ասաց Պաբլոյին։ ― Սա քեզ չի վերաբերում։ Սա ավելի ջահել մարդկանց համար է, քեզ համար չէ։ Սա ուրիշ մարդկանց համար է, ուրիշ նյութից շինված մարդկանց։ Դե չքվի՛ր։ ― Հետո դարձավ Ռոբերտ Ջորդանին։ Ագուստինը կհետևի իրերիդ։ Հենց որ գա, կգնանք։

Պարզ, պայծառ օր էր, արևն արդեն տաքացնում էր։ Ռոբերտ Ջորդանը նայում էր խոշորակազմ, թխադեմ կնոջը, նրա բարի ու միմյանցից հեռու տեղադրված աչքերին, քառակուսի ու վշտալի, կնճռապատ և հաճելիորեն անճոռնի դեմքին։ Աչքերն ուրախ էին, բայց դեմքը տխուր էր, քանի դեռ շրթունքները չէին շարժվում։ Ռոբերտ Ջորդանը նայում էր նրան, հետո նայեց տղամարդուն, որը ծանրաքայլ ու անկիրք ծառերի արանքով շարժվում էր դեպի ձիերի ցանկապատը։ Կինը նույնպես հայացքով հետևում էր Պաբլոյին։

― Սեր արեցի՞ք, ― հարցրեց կինը։

― Աղջիկն ի՞նչ ասաց։

― Նա ինձ ոչինչ չասաց։

― Ես էլ չեմ ասի։

― Ուրեմն արել եք, ― ասաց կինը։ ― Հոգ տար նրան, ինչքան կարող ես։

― Իսկ եթե երեխա ունենա՞։

― Դրանից վնաս չկա, ― ասաց կինը։ ― Դրանից ոչ մի վնաս։

― Սա դրա տեղը չէ։

― Նա այստեղ չի մնալու։ Նա գնալու է քեզ հետ։

― Իսկ ես ո՞ւր եմ գնալու։ Այնտեղ, ուր գնում եմ, ես չեմ կարող հետս կին տանել։

― Ո՞վ գիտի։ Գուցե կարելի է նույնիսկ երկուսը տանել։

― Դա ի՞նչ խոսք է։

― Լսի՛ր, ― ասաց կինը։ ― Ես վախկոտ չեմ, բայց վաղ առավոտյան այս ժամերին այնքան պարզ ու հստակ եմ տեսնում ամեն ինչ, և ահա հիմա ինձ թվում է, որ այսօրվա ապրողներից շատ քչերը միայն մյուս կիրակին կտեսնեն։

― Այսօր ի՞նչ օր է։

― Կիրակի։

― Que va, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Կիրակին շատ հեռու է։ Եթե չորեքշաբթին տեսնենք, էլի լավ է։ Բայց ես այսպիսի խոսակցությունները չեմ սիրում։

― Ամեն մարդ կարիք ունի սիրտը մեկին բաց անելու, ― ասաց կինը։ ― Առաջ կրոն կար, ուրիշ անհեթեթություններ կային։ Հիմա յուրաքանչյուր մարդ պետք է ունենա մի մտերիմ, որի հետ կարողանա անկեղծորեն խոսել, որովհետև ինչ արժանիքներ էլ ունենաս, միայնակությունդ զգում ես։

― Մեր մեջ միայնակ մարդիկ չկան։ Մենք բոլորս միասին ենք։

― Այդ մեքենաները տեսնելուց հետո մարդ դժվար է ինքն իրեն գտնում, ― ասաց կինը։ ― Ի՞նչ ենք, ի՞նչ ենք մենք այդ մեքենաների դիմաց։

― Բայց այնուամենայնիվ մենք դրանց խփում֊գցում ենք։

― Լսի՛ր, ― ասաց կինը։ ― Ես բացեցի սիրտս, ասացի իմ ցավերի, մտահոգությունների մասին, բայց դու հանկարծ չմտածես, որ ես կորցնում եմ իմ վճռականությունս։ Վճռականությանս ոչինչ չի պատահել։

― Քեզ տանջող վիշտը կփարատվի, ոնց որ մշուշը, երբ ծագում է արևը։

― Անշուշտ, ― ասաց կինը։ ― Թող լինի այնպես, ինչպես ասում ես։ Երևի այս բոլորի պատճառը այն հիմար հիշողություններն էին, որ պատմում էի Վալենսիայի մասին։ Գուցե այն մարդն էր, որ գնաց ձիերին ստուգելու, գուցե այդ մարդու անկումն էր։ Ես այդ պատմություններն անելով նրան վիրավորեցի։ Շատ ծանր վիրավորեցի։ Նրան կարելի է սպանել։ Նրան կարելի է հայհոյել։ Բայց վիրավորել կարելի չէ։

― Այդ ո՞նց եք իրար գտել։

― Իսկ ո՞նց են մարդիկ իրար գտնում։ Պատերազմի առաջին շրջանում կարգին մարդ էր։ Առաջ էլ կարգին մարդ էր։ Հիմա արդեն կործանված է։ Դատարկ տիկ է։ Խցանը հանել են, գինին հոսել֊գնացել է։

― Նա ինձ դուր չի գալիս։

― Դու էլ նրան դուր չես գալիս, դրա համար, անշուշտ, պատճառ կա։ Այս գիշեր հետը քնեցի։ ― Կինը ժպտաց ու տարուբերեց գլուխը։ ― Yamos a ver,[24] ― ասացի, ― Պաբլո՛ օտարականին ինչո՞ւ չսպանեցիր։

― Լավ տղա է, Պիլար, ― ասաց․ ― Լավ տղա է։

― Հետո՞, ― ասացի, ― հիմա հասկացա՞ր, որ հրամանատարը ես եմ։

― Այո՛, Պիլա՛ր։ Այո՛, ― ասաց։ Ավելի ուշ, գիշերվա մի պահին լսեցի, որ լալիս է։ Արթուն էր, լալիս էր ընհատուն, այլանդակ լացով, ինչպես տղամարդն է լալիս, կարծես ներսից մի գազան ցնցի։

― Ի՞նչ է պատահել, Պաբլո, ― ասացի և ձեռքս գցեցի ու գրկեցի նրան։

― Ոչինչ, Պիլար։ Ոչինչ։

― Ո՛չ։ Ասա՛, ի՞նչ է եղել։

― Մարդիկ, ― ասաց, ― տեսա՞ր ինչպես լքեցին ինձ։

― Այո, բայց չէ՞ որ նրանք ինձ հետ են, ― ասացի, ― իսկ ես քո կինն եմ։

― Պիլար, ― ասաց, ― հիշիր գնացքը։ ― Հետո ասաց․ ― թող աստված քեզ օգնի, Պիլար։

― Ի՞նչ ես աստված, հա աստված, ― ասացի ես։ ― Դա ի՞նչ խոսք է։

― Այո, ― ասաց։ ― Աստված օգնի և Virgen֊ը։[25]

― Que va, աստված և Vիrgen֊ը․ ― ասացի նրան։ ― Դա խո՞սք է, որ ասում ես։

― Վախենում եմ, որ մեռնեմ, Պիլար, ― ասաց։ ― Tendo miedo de morir: Հասկանո՞ւմ ես։

― Որ այդպես է, դուրս արի անկողնից։ Մի անկողինը ինձ, քեզ ու քո վախին տեղ չի անի։ ― Ամաչեց ու լռեց, իսկ ես քնեցի։ ― Չէ, բարեկամս, նա փլատակ է։

Ռոբերտ Ջորդանը ոչինչ չասաց։

― Այսպես, ամբողջ կյանքիս ընթացքում, թախիծն եկել ու մեկ էլ տեսար պատել է ինձ։ Բայց իմը Պաբլոյի թախիծին նման չէ։ Իմ վճռականության վրա դա ոչ մի ձևով չի ազդում։

― Հավատում եմ։

― Գուցե նման է այն բանին, որը կանանց մոտ ժամանակ առ ժամանակ լինում է, ― ասաց նա։ ― Գուցև առհասարակ դատարկ բան է։ ― Լռեց, հետո նորից շարունակեց։ ― Մեծ հույսեր եմ կապել Հանրապետության հետ։ Հավատում եմ Հանրապետությանը, շատ ուժգնորեն եմ հավատում։ Ջերմեռանդորեն եմ հավատում, ոնց որ հավատացյալները հրաշքներին։

― Հավատում եմ քեզ։

― Դո՞ւ ել ես այդպես հավատում։

― Հանրապետությա՞նը։

― Այո։

― Այո, ― ասաց նա, հույս ունենալով, որ ճշմարտությունն է ասում։

― Ուրախ եմ, ― ասաց կինը։ ― Իսկ չե՞ս վախենում։

― Մահից՝ ոչ, ― ասաց առանց երկմտանքի, և դա ճշմարիտ էր։

― Իսկ ինչի՞ց ես վախենում։

― Վախենում եմ, որ չկարողանամ իմ պարտականությունը կատարել այնպես, ինչպես հարկն է։

― Չես վախենում նաև գերի ընկնելո՞ւց, ոնց որ այն մեկը։

― Ո՛չ, ― ասաց անկեղծորեն։ ― Եթե դրանից վախենաս, գլուխդ այնքան զբաղված կլինի, որ էլ ուրիշ գործ չես կարողանա անել։

― Շատ սառնարյուն տղա ես։

― Ո՛չ, ― ասաց նա։ ― Ես այդ կարծիքին չեմ։

― Չէ՛։ Ես գլխիդ մասին եմ։ Շատ սառն է։

― Դա նրանից է, որ միտքս չափից ավելի է զբաղված գործով։

― Իսկ կյանքի բաները չե՞ս սիրում։

― Սիրում եմ։ Շատ եմ սիրում։ Միայն թե գործիս չխանգարեն։

― Խմել սիրում ես։ Գիտեմ։ Տեսա։

― Այո։ Շատ եմ սիրում։ Բայց այնքան, որ չխանգարի գործիս։

― Իսկ կանա՞նց։

― Շատ եմ սիրում, բայց մեծ կարևորություն չեմ տվել։

― Կարևոր բան չեն, հա՞։

― Չէ, ինչու։ Բայց դեռ չի հանդիպել մեկը, որ տակնուվրա աներ ինձ, ինչպես ոմանց։

― Կարծում եմ, որ ստում ես։

― Գուցե, մի քիչ։

― Բայց չէ՞ որ Մարիային սիրեցիր։

― Այո։ Միանգամից ու շատ ուժգին։

― Ես էլ։ Ես էլ շատ եմ սիրում նրան։ Այո։ Շատ ուժգին։

― Ես էլ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և զգաց, որ ձայնը խզվում է։ ― Ես էլ։ Այո։ ― Նրան հաճելի էր այդ բանն ասելը և նա բավական հանդիսավորությամբ ասաց իսպաներեն։ ― Ես նրան շատ ուժգին եմ սիրում։

― Էլ Սորդոյին գնանք֊տեսնենք, հետո Մարիայի հետ քեզ առանձին կթողնեմ։

Ռոբերտ Ջորդանը մի պահ լուռ մնաց։ Հետո ասաց․

― Կարիք չկա։

― Ոչ, բարեկամ։ Կարիք կա։ Քիչ ժամանակ է մնացել։

― Ափիս մե՞ջ ես կարդացել, ― հարցրեց նա։

― Ոչ։ Եվ բավական է հիշես ափիդ հետ կապված այդ անմտությունը։

Կինն ուզում էր մոռանալ դա, նա աշխատում էր հեռու վանել այն ամենը, ինչ կարող էր վնասակար լինել Հանրապետության համար։

Ռոբերտ Ջորդանը ոչինչ չասաց։ Նա նայում էր Մարիային, որ ամաններն էր տեղավորում քարայրում։ Աղջիկը ձեռքերը սրբեց և դարձավ ու ժպտաց նրան։ Աղջիկը չէր լսում, թե ինչ է ասում Պիլարը, բայց երբ ժպտաց Ռոբերտ Ջորդանին, նրա շագանակագույն մաշկը շիկնեց ու ավելի մուգ դարձավ, հետո նորից ժպտաց։

― Ցերեկն էլ կա, ― ասաց կինը։ ― Գիշերը գիշեր, բայց ցերեկն էլ կա։ Պարզ է, այն շքեղությունը չի լինի, ինչ Վալենսիայում էր, ինչ ես տեսա, բայց դե դուք էլ մի քանի վայրի ելակ ու նման բաներ կպոկեք, ― ասաց կինն ու ծիծաղեց։

Ռոբերտ Ջորդանը ձեռքը դրեց նրա լայն ուսին և ասաց․

― Ես քեզ էլ եմ սիրում։ Քեզ էլ շատ ուժգին եմ սիրում։

― Կարգին Դոն Ժուան Տենորիս ես, ― ասաց կինն՝ արդեն շփոթված սիրո դրսևորումից։ ― Սկսվեց, հիմա բոլորին սեր է բացատրվելու։ Ահա, Ագուստինը եկավ։

Ռոբերտ Ջորդանը մտավ քարայր ու գնաց Մարիայի մոտ։ Աղջիկը նայում էր նրան, աչքերը փայլում էին, այտերն ու վիզը նորից շիկնեցին։

― Ողջո՛ւյն, փոքրիկ նապաստակ, ― ասաց ու համբուրեց շրթները։

Աղջիկն ամուր փարվել էր նրան, նայում էր երեսին ու ասում․

― Ողջո՜ւյն։ Ողջո՜ւյն։ Ողջո՜ւյն։

Ֆերնանդոն, որը դեռևս նստած սիգարետ էր ծխում քարայրում, վեր կացավ, տարուբերեց գլուխը, վերցրեց պատին հենած կարաբինն ու դուրս եկավ։

― Շատ անվայել բան է, ― ասաց Պիլարին։ ― Դա ինձ դուր չի գալիս։ Պետք է հետևես աղջկան։

― Հետևում եմ, ― ասաց Պիլարը։ ― Այդ ընկերը նրա novio[26]֊ն է։

― Օ՜, ― ասաց Ֆերնանդոն։ ― Այդ դեպքում, քանի որ նշանված են, ես դա շատ բնական եմ համարում։

― Ուրախ եմ, ― ասաց կինը։

― Ես նույնպես, ― լրջորեն պատասխանեց Ֆերնանդոն։ ― Salud, Պիլար։

― Ո՞ւր ես գնում։

― Վերևի պահակակետը, Պրիմիտիվոյին փոխարինեմ։

― Այդ ո՞ր գրողի ծոցն ես գնում, ― հարցրեց մոտեցող Ագուստինը փոքրամարմին հպարտ մարդուն։

― Գնում եմ պարտականությունս կատարելու, ― ասաց Ֆերնանդոն արժանապատվությամբ։

― Պարտականությունդ, ― հեգնանքով ասաց Ագուստինը։ Հետո դարձավ կնոջը։ ― Որտե՞ղ է այդ ըսենցն ու ընենցը, որ պահպանելու եմ։

― Քարայրում, ― ասաց Պիլարը։ ― Երկու պարկի մեջ են։ Հետո էլ իմացիր՝ հոգնել եմ քո այդ հիշոցներից։

― Հիշոցել եմ քո հոգնությունը, ― ասաց Ագուստինը։

― Դե հա՛ կեղտոտիր բերանդ, ― ասաց Պիլարն առանց տաքանալու։

― Քո մերը, ― շարունակեց Ագուստինը։

― Չես ունեցել, ինչ անեմ, ― ասաց միայն Պիլարը, որովհետև իսպաներենում հայհոյանքները ձևի այնպիսի կատարելության են հասել, որ գործողություն չի արձանագրվում, այն ենթադրվում է։

― Ի՞նչ են անում ներսում, ― հիմա արդեն ցածրաձայն հարցրեց Ագուստինը։

― Ոչինչ, ― ասաց Պիլարը։ ― Nada: Եվ, վերջապես, գարուն է, չէ՞, անասո՛ւն։

― Անասուն, ― կրկնեց Ագուստինը, կարծես ըմբոխշնելով բառը։ ― Անասուն։ Իսկ դո՞ւ։ Պոռնիկ, պոռնիկի ծնունդ։ Ես քո այդ գարնան մեջը․․․

Պիլարը թփթփացրեց նրա ուսը։

― Լսի՛ր, ― ասաց քրքջալով։ ― Ախր քո բոլոր հայհոյանքները մի հանգի են։ Բայց ամբողջ հոգով ես հայհոյում։ Ինքնաթիռները տեսա՞ր։

― Ես դրանց շարժիչները, ― ասաց Ագուստինը, գլխով դրական շարժում անելով և կծեց վերին շրթունքը։

― Ա՛յ, դա բան է, ― ասաց Պիլարը։ ― Իրոք որ բան է։ Բայց գլուխ բերելն է դժվար։

― Այդ բարձրության վրա՝ այո, ճիշտ ես, ― ասաց Ագուստինն ու քմծիծաղեց։ Desde luego:[27] Բայց ախր լավ է, երբ կատակում ես։

― Այո, ― ասաց Պաբլոյի կինը։ Անպայման լավ է։ Դու լավ մարդ ես, լավ էլ կատակում ես, համով։

― Լսի՛ր, Պիլար, ― լրջացավ Ագուստինը։ ― Երևում է ինչ֊որ բան է պատրաստվում։ Ճի՞շտ է։

― Իսկ քեզ ի՞նչ է թվում։

― Թվում է շատ կեղտոտ բան է պատրաստվում։ Այդ ինչքա՜ն ինքնաթիռներ անցան, ա՛յ կին։ Շատ շատ էին։

― Լավ վախեցար, չէ՞, ոնց որ բոլորս։

― Que va, ― ասաց Ագուստինը։ ― Տեսնես ի՞նչ են պատրաստում։ Կարո՞ղ ես ասել։

― Լսի՛ր, ― ասաց Պիլարը։ ― Եթե այս տղային Հանրապետությունն ուղարկել է, որ կամուրջներ պայթեցնի, ուրեմն մերոնք հարձակում են պատրաստում։ Ինքնաթիռներն էլ նշանակում են, որ ֆաշիստները պատրաստվում են դիմադրելու։ Բայց ինչի՞ համար էր ինքնաթիռների այս ցուցադրությունը։ Չեմ հասկանում։

― Այս պատերազմում ինչ խելագարություն ասես կատարվում է, ― ասաց Ագուստինը։ ― Հիմարությունների ծայրը չի երևում։

― Այդպես է, ― ասաց Պիլարը։ ― Թե չէ ոնց կկարողանայինք մի ամբողջ տարի այստեղ մնալ։

― Այո, ― ասաց Ագուստինը։ ― Մի տարի է արդեն, որ հիմարությունների մեջ լող ենք տալիս։ Բայց Պաբլոն հասկացող մարդ է։ Պաբլոն շատ խորամանկ է։

― Դա ինչո՞ւ ես ասում։

― Ասում եմ։

― Բայց դու մի բան պետք է հասկանաս, ― սկսեց բացատրել Պիլարը։ ― Հիմա արդեն շատ ուշ է խորամանկությամբ փրկվելու համար, իսկ ուրիշ բան նա չունի, կորցրել է։

― Հասկանում եմ, ― ասաց Ագուստինը։ ― Գիտեմ, մենք պետք է թողնենք֊հեռանանք։ Եվ քանի որ միայն պատերազմը շահելու դեպքում կարող ենք կենդանի մնալ, ուրեմն պետք է կամուրջները պայթեցնենք։ Բայց Պաբլոն, թեև հիմա թուլամորթի մեկն է, այնուամենայնիվ հնարամիտ է։

― Ես էլ եմ հնարամիտ։

― Չէ՛, Պիլար, ― ասաց Ագուստինը։ ― Դու հնարամիտ չես։ Դու քաջ ես։ Դու հավատարիմ ես։ Դու վճռական ես։ Դու կարող ես կանխազգալ։ Շատ վճռական ես ու շատ սրտոտ։ Բայց հնարամիտ չես։

― Այդպե՞ս ես կարծում, ― հարցրեց կինը մտախոհ։

― Այո, Պիլար։

― Տղան հնարամիտ է, ― ասաց կինը։ ― Ե՛վ հնարամիտ է, և՛ սառնարյուն։ Գլուխը չի կորցնում։

― Այո, ― ասաց Ագուստինը։ ― Իր գործի վարպետն է, թե չէ չէին ուղարկի։ Բայց չեմ կարող ասել հնարամիտ է թե ոչ, չգիտեմ։ Իսկ այն, որ Պաբլոն հնարամիտ է, գիտեմ։

― Բայց վախից ու անբանությունից նա դարձել է բոլորովին անպիտան։

― Բայց այնուամենայնիվ հնարամիտ է։

― Եվ ի՞նչ ես առաջարկում։

― Ոչինչ։ Ուզում եմ խելացի որոշում ընդունենք։ Մենք հիմա պետք է կարողանանք խելացի գործել։ Կամուրջը պայթեցնելուց հետո պետք է անմիջապես հեռանանք։ Ամեն ինչ պետք է նախապատրաստենք։ Պետք է իմանանք, թե ուր ենք գնում, և ինչպես։

― Անպայման։

― Այ դրա համար էլ Պաբլո է պետք։ Դա պիտի հնարամտությամբ արվի։

― Ես նրան չեմ վստահում։

― Այս հարցում վստահիր։

― Ոչ։ Դու չգիտես, թե նա ինչպիսի փլատակ է։

― Pero es muy vivo: Նա շատ հնարամիտ է։ Եվ եթե այս գործը հնարամտությամբ չարվի, այն ժամանակ մեր ըսենցն ու ընենցը կլինի։

― Կմտածեմ, ― ասաց Պիլարը։ ― Առջևում մի ամբողջ ցերեկ կա մտածելու համար։

― Կամուրջները տղային, ― ասաց Ագուստինը։ ― Նա այդ բանը հաստատ լավ կանի։ Հիշում ես, չէ՞, ոնց այն մեկը գնացքի պայթեցումը կազմակերպեց, հրաշալի էր։

― Այո, ― ասաց Պիլարը։ ― Իրոք, ամեն ինչ իր կազմած ծրագրով եղավ։

― Քոնը եռանդն է ու վճռականությունը, ― ասաց Ագուստինը։ ― Տեղափոխության գործը թո՛ղ Պաբլոյին։ Նահանջը թող Պաբլոն կազմակերպի։ Ստիպի՛ր, թող մտածի։

― Կարգին խելացի մարդ ես։

― Խելացի։ Այո, ― ասաց Ագուստինը։ ― Բայց sin picardia:[28] Դրա համար էլ Պաբլոն պետք է։

― Նույնիսկ իր վախկոտությա՞մբ։

― Նույնիսկ իր վախկոտությամբ։

― Իսկ ի՞նչ ես մտածում կամուրջների մասին։

― Անհրաժեշտ է։ Գիտեմ որ անհրաժեշտ է։ Երկու բան մենք պետք է անպայման անենք։ Նախ՝ այս տեղերից պետք է հեռանանք և երկրորդ՝ պետք է հաղթենք։ Եթե ուզում ենք հաղթել, կամուրջները պիտի պայթեցնենք։

― Եթե Պաբլոն այդքան հնարամիտ է, հապա ինչո՞ւ չի հասկանում դա։

― Նա իր թուլության պատճառով ուզում է, որ ոչ մի բան չփոխվի, ուզում է իր ջրապտույտում ոնց որ պտտվում է, այնպես էլ շարունակի պտտվել։ Նա չի հասկանում, որ ջրերը բարձրանում են։ Երբ տեսնի, որ փոփոխությունն անխուսափելի է, նա վերստին հնարամիտ կդառնա։ Es muy vivo:

― Լավ էր, որ տղան չսպանեց նրան։

― Que va: Գնչուն երեկ գիշեր ինձ համոզում էր, որ ես սպանեմ։ Անասուն է այդ գնչուն։

― Դու էլ ես անասուն, ― ասաց կինը։ ― Բայց խելացի։

― Մենք երկուսս էլ խելացի ենք, դու էլ, ես էլ։ Իսկ Պաբլոն տաղանդավոր է։

― Բայց դժվար է հետը գործ անել։ Դու չգիտես, թե ոնց է նա կործանվել։

― Գիտեմ։ Բայց տաղանդավոր է։ Լսի՛ր, Պիլար։ Կռվելու համար խելքը բավական է։ Հաղթելու համար հարկավոր է տաղանդ և զինամթերք։

― Կմտածեմ ասածներիդ մասին, ― ասաց կինը։ ― Դե արդեն գնանք։ Ուշացանք։ ― Հետո բարձրացնելով ձայնը կանչեց․ ― Անգլիացի։ Ingle's! Արի՛։ Գնացինք։


Գլուխ տասներորդ

― Եկեք հանգստանանք, ― ասաց Պիլարը Ռոբերտ Ջորդանին։ ― Մարիա, նստի՛ր, հանգստանում ենք։

― Պետք է գնանք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Տեղ հասնենք, հետո կհանգստանանք։ Ես պետք է տեսնեմ այդ մարդուն։

― Կտեսնես, ― ասաց կինը։ ― Շտապելու կարիք չկա։ Նստի՛ր, Մարիա։

― Գնանք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Վերևում կհանգստանանք։

― Ես հիմա եմ հանգստանալու, ― ասաց կինը և նստեց առվակի եզրին։ Աղջիկը նստեց նրա կողքին հավամրգիի մացառուտում, արևի շողերն ընկան մազերի վրա։ Ռոբերտ Ջորդանը մնաց կանգնած և սկսեց նայել լեռնալանջի արոտը կտրող֊իջնող գետակին, որի մեջ երևի կարմրախայտ լիներ։ Նրա կանգնած տեղում հավամրգիի մացառուտներ էին։ Ավելի ներքևում՝ դեղին ձարխոտն էր բարձրացել գորշավուն ժայռերի արանքներում, հետո արդեն սկսվում էր սոճիների սև գիծը։

― Այստեղից մինչև Էլ Սորդոյի մոտ ինչքա՞ն կլինի, ― հարցրեց նա։

― Հեռու չէ, ― ասաց կինը։ ― Դիմացի բաց տարածությունը կանցնենք, կիջնենք ձորը, հետո կբարձրանանք ու կմտնենք անտառ, այդտեղ է, առվակի գլխին։ Դե նստիր, մոռացիր մի պահ քո այդ լուրջ գործերը։

― Ուզում էի տեսնել նրան ու պրծնել այս մի գործից։

― Ես էլ ուզում եմ ոտներս լվանալ, ― ասաց կինը և հանեց պարանե ներբանով կոշիկները, բրդյա հաստ գուլպաներն ու աջ ոտը մտցրեց առվակի մեջ։

― Աստված իմ, այս ինչ սառն է։

― Ձիով պիտի գնայինք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Սա շատ լավ եղավ։ Սա ինձ շատ էր պետք, ― ասաց կինը։ ― Քեզ ի՞նչ պատահեց։

― Ոչինչ, պարզապես շտապում եմ։

― Եթե միայն դա է, ուրեմն հանգստացիր։ Ժամանակ շատ կա։ Այս ի՜նչ հոյակապ օր է, և ինչ լավ է, որ պրծել եմ սոճիներից։ Դու չես կարող պատկերացնել, թե ոնց եմ հոգնել ես այդ սոճիներից։ Դու սոճիներից չե՞ս հոգնել, guapa:

― Ես սիում եմ սոճիները, ― ասաց աղջիկը։

― Դրանց ի՞նչ ես սիրում։

― Սիրում եմ բույրը, սիրում եմ, երբ քայլելիս ոտներիս տակ զգում եմ ասեղնատերևները, սիրում եմ, երբ բարձր կատարների մեջ վազվզում է քամին և ծառերը ճռճռում են։

― Քեզ ամեն ինչ դուր է գալիս, դու ամեն ինչ սիրում ես, ― ասաց Պիլարը։ ― Երնեկ քեզ առնող մարդուն, դու գանձ ես, մնում է միայն որ լավ ճաշ եփել իմանաս։ Բայց, այնուամենայնիվ, սոճու անտառը տաղտուկ է։ Դու հաճարենու անտառ չես տեսել, ոչ էլ կաղնու կամ շագանակենու։ Այ դրանք են անտառ։ Այդ անտառներում ոչ մի ծառ մյուսին նման չէ, այնտեղ ինքնություն կա, գեղեցկություն։ Սոճու անտառը տաղտուկ է։ Ի՞նչ կասես, Ingles:

― Ես էլ եմ սոճին սիրում։

― Pero, venga,[29] ― ասաց Պիլարը, ― խոսքը մեկ եք արե՞լ։ Սիրելը դե ես էլ եմ սիրում, բայց արդեն մի տարի է, որ միայն ու միայն սոճի ենք տեսնում։ Հոգնեցի։ Լեռներից էլ եմ հոգնել, լեռներում միայն երկու ուղղություն կա՝ ներքև ու վերև, իսկ ներքև գնալ նշանակում է դուրս գալ ճանապարհ և ընկնել ֆաշիստների քաղաքները։

― Սեգովիա գնո՞ւմ ես երբևէ։

― Que va: Ա՞յս դեմքով։ Սա հիշվող դեմք է։ Կուզենայի՞ր տգեղ լինել, գեղեցկուհի, ― ասաց Մարիային։

― Դու տգեղ չես։

― Vamos, տգեղ չեմ։ Ի ծնե տգեղ եմ։ Ամբողջ կյանքս տգեղ եմ եղել։ Դու, Ingles, դու, որ բոլորովին չես ճանաչում կանանց, դու գիտե՞ս, թե ինչ է զգում տգեղ կինը։ Գիտե՞ս, թե ինչ բան է ամբողջ կյանքդ տգեղ լինել, իսկ ներքուստ քեզ գեղեցիկ զգալ։ Շատ տարօրինակ է։ ― Նա մյուս ոտքը մտցրեց առվակի մեջ ու նորից ետ քաշեց։ ― Ախ աստված իմ, այս ինչ սառն է։ Պոչգցուկին նայեք, ― ասաց ու ցույց տվեց գորշ թռչնակը, որ ցատկոտում էր առվի հոսանքում ընկած գլաքարի վրա։ ― Ոչ մի բանի պետք չէ։ Ո՛չ երգում է, ո՛չ էլ ուտելու է։ Թողնես միայն պոչը վեր ու վար անի։ Մի հատ սիգարետ տուր, Ingles, ― ասաց, վերցրեց սիգարետը, վառեց վերնաշապկի գրպանից հանած հրահանով, ծխացրեց ու նայեց Մարիային և Ռոբերտ Ջորդանին։

― Շատ հետաքրքիր է կյանքը, ― ասաց ու քթածակերից բաց թողեց ծուխը։ ― Լավ տղամարդ կարող էի լինել, բայց տեղովս մեկ կին եմ, այն էլ ուզածիդ չափ տգեղ։ Եվ, չնայած դրան, քանի֊քանի տղամարդ է սիրել ինձ, իսկ քանի֊քանիսին էլ ես եմ սիրել։ Հետաքրքիր է։ Լսի՛ր, Ingles, հետաքրքիր բան եմ ասում։ Նայի՛ր, լավ նայիր ինձ։ Տեսնում ես, չէ՞, ինչքան տգեղ եմ։ Մոտիկից, ուշադիր նայիր, Ingles:

― Դու տգեղ չես։

― Que no? Մի ստիր։ Թե՞, ― լիաթոք ծիծաղեց, ― թե՞ դու էլ արդեն հմայվեցիր։ Լա՛վ, լա՛վ, կատակ եմ անում։ Հիմա ինչ էլ ասեք, ես տգեղ եմ։ Բայց տես, թե ինչեր են պատահում։ Մի օր էլ տեսնում ես, որ մի մարդ սիրահարվել է քեզ։ Աչքերը կապվել են, կուրացել է, և քանի դեռ այդ զգացումը տևում է, նա էլ է կուրացած, դու էլ։ Բայց մեկ էլ, չգիտես ինչպես, ինչ պատճառով, այդ մարդն հանկարծ տեսնում է, որ դու տգեղ ես, այսինքն ոնց որ իրականում, նա այլևս կույր չէ, հետո քո աչքերն էլ են բացվում, և դու էլ ես տեսնում, որ տգեղ ես, ու կորցնում ես քո տղամարդուն, կորցնում ես գեղեցիկ լինելու զգացողությունդ։ Հասկանո՞ւմ ես, guapa, ― ասաց ու շոյեց աղջկա ուսը։

― Ոչ, ― ասաց Մարիան, ― որովհետև դու տգեղ չես։

― Ջանա գլխով դատել և ոչ թե սրտով ու լսի՛ր ինձ, ― ասաց Պիլարը։ ― Ես քեզ շատ հետաքրքիր բաներ եմ պատմում։ Իսկ քեզ, Ingles, չե՞ն հետաքրքրում սրանք։

― Հետաքրքրում են։ Բայց պետք է գնալ։

― Que va, գնա՛։ Ես ինձ շատ լավ եմ զգում այստեղ։ Հետո, ― շարունակեց նա՝ աշակերտներին նոր դասը պատմող ուսուցչի նման դիմելով Ռոբերտ Ջորդանին, ― անցնում է որոշ ժամանակ և քո մեջ, նույնիսկ ինձ նման տգեղ կնոջ մեջ, այո, ինձ նման, որ էլ դրանից դենը չի կարող տգեղ լինել, որոշ ժամանակ անցնելուց հետո այդ զգացողությունը, թե գեղեցիկ ես, սկսում է նորից կամաց֊կամաց ծիլ տալ, աճել։ Աճում է ոնց որ կաղամբը։ Իսկ հետո, երբ այդ զգացողությունն արդեն աճել֊մեծացել է, մի նոր տղամարդ է հայտնվում, նրան թվում է, թե դու գեղեցիկ ես, և նորից նույն պատմությունը։ Հիմա մտածում եմ, որ արդեն վերջնականապես անցած բան է դա, բայց ինչ իմանաս, գուցեև լինի։ Քո բախտը բերել է, guapa, որ տգեղ չես։

― Բայց ոչ, ես տգեղ եմ, ― պնդեց Մարիան։

― Իրեն հարցրու, ― ասաց Պիլարը։ ― Ոտներդ էլ առուն չմտցնես։ Կմրսես։

― Եթե Ռոբերտոն ասում է, որ պետք է գնանք, ուրեմն գնանք, ― ասաց Մարիան։

― Ասում ես, էլի, ― ասաց Պիլարը։ ― Լավ իմացիր՝ ես այս գործով նույնքան շահագրգռված եմ, ինչքան որ Ռոբերտոն, և ասում եմ, որ ժամանակ շատ կա ու մենք կարող ենք մի լավ հանգստանալ։ Եվ բացի այդ, ես ուզում եմ խոսել։ Ամբողջ քաղաքակրթությունից այդ մի բանն է հիմա մեզ մնացել։ Ուրիշ ի՞նչ զվարճություն կա։ Այս պատմածներս քեզ չե՞ն հետաքրքրում, Ingles:

― Հիանալի ես խոսում։ Բայց կան բաներ, որ ինձ ավելի են հետաքրքրում, քան այդ գեղեցկության ու տգեղության մասին խոսակցությունները։

― Ի՞նչ է հետաքրքրում քեզ, ասա այդ մասին խոսենք։

― Երբ պատերազմն սկսվեց որտե՞ղ էիր։

― Իմ քաղաքում։

― Ավիլայո՞ւմ։

― Que va, Ավիլայում։

― Պաբլոն ասաց, որ Ավիլայից է։

― Ստել է։ Ուզեցել է ցույց տալ, որ մեծ քաղաքից է։ Ա՛յ, սա էր մեր քաղաքը, ― ասաց անունը։

― Իսկ ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան այնտեղ։

― Շատ իրադարձություններ, ― ասաց կինը։ ― Շատ։ Բոլորն էլ այլանդակ։ Նույնիսկ պանծալիները։

― Դրանց մասին պատմիր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Դաժան են, ― ասաց կինը։ ― Աղջկա մոտ այդ բաները չեմ պատմի։

― Պատմի՛ր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Իսկ աղջիկը թող չլսի, եթե իրեն պետք չէ լսել։

― Ես կլսեմ, ― ասաց Մարիան և ձեռքը դրեց Ռոբերտ Ջորդանի ձեռքի վրա։ ― Այնպիսի բան չկա, որ ես չկարողանամ լսել։

― Խոսքը քո կարողանալ֊չկարողանալու մասին չէ, ― ասաց Պիլարը։ ― Խոսքն այն մասին է, որ այդ պատմությունները լսելուց հետո կսկսես սարսափելի երազներ տեսնել։

― Պատմությունն ինչ է, որ վատ երազ տեսնեմ, ― ասաց Մարիան։ ― Այն բոլորից հետո, ինչ տեսա, կարող ես ամեն ինչ պատմել։ Մի մտահոգվիր, վատ երազներ չեմ տեսնի։

― Կարող է Ingles֊ը տեսնել։

― Փորձի՛ր, տե՛ս։

― Իսկապես, Ingles, ես կատակ չեմ անում։ Դու եղե՞լ ես որևէ փոքրիկ քաղաքում պատերազմի առաջին օրերին։

― Ոչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Ուրեմն դու ոչինչ չես տեսել։ Դու հիմա ես տեսնում Պաբլոյին, որ փլատակ է դարձել, բայց դու պիտի տեսնեիր, թե ինչ էր Պաբլոն այն օրերին։

― Պատմիր այդ օրերի մասին։

― Ո՛չ։ Չեմ պատմի։

― Պատմի՛ր։

― Լավ։ Կպատմեմ։ Թող այդպես լինի։ Կպատմեմ ոնց որ եղել է, իսկությունը։ Իսկ դու, guapa, եթե զգաս, որ էլ չես դիմանում, ասա։

― Եթե չդիմացա, չեմ լսի, ― ասաց Մարիան, ― բայց ինչ էլ լինի, ավելի սարսափելի չի լինի, քան այն, ինչ տեսել եմ։

― Ինձ թվում է, որ կլինի, ― ասաց կինը։ ― Մի հատ էլ սիգարետ տուր, Ingles և vamonos:[30]

Աղջիկը նստել էր առվակի ափին և հենվել հավամրգիի մացառին, Ռոբերտ Ջորդանը մեկնվել էր խոտերին, գլխի տակ հավամրգիի մի խուրձ էր դրել։ Նա ձեռքը երկարեց, գտավ Մարիայինը, բռնեց ու սկսեց տանել հավամրգիի տերևների վրայով։ Աղջիկը ձեռքը ետ քաշեց, հետո դրեց Ռոբերտ Ջորդանի ձեռքի վրա և սկսեցին լսել Պիլարին։

― Վաղ առավոտյան էր, որ զորանոցի civil֊ները անձնատուր եղան, ― սկսեց պատմել Պիլարը։

― Զորանոցը գրոհո՞վ առաք, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Դեռևս մթով Պաբլոն զորանոցը պաշարեց, հեռախոսալարերը կտրեց, պատի տակ պայթուցիկ դրեց ու ձայն տվեց guardia civil֊ին, որ անձնատուր լինեն։ Նրանք հրաժարվեցին։ Լուսաբացին Պաբլոն պայթեցրեց պատը։ Սկսեցինք կրակել։ Երկու civiles սպանվեցին, չորսը վիրավորվեցին, չորս հոգի էլ անձնատուր եղան։

Բոլորս պառկել էինք, մի մասս տանիքներին, մի մասս գետնին, ոմանք պատերի վրա, շենքերի քիվերին։ Լույսը նոր էր բացվել, պայթյունից հետո փոշին բռնել էր օդն ու չէր նստում, որովհետև քամի չկար, որ քշեր֊տաներ, բոլորս կրակում էինք, հրացանները լցնում էինք ու փուլ եկած պատի միջով կրակում էինք զորանոցի վրա, ծխի ուղղությամբ, կրակում էինք, քանի դեռ զորանոցից կրակոցներ էին լսվում, հետո ներսից մեկը ձայն տվեց, ասաց, որ էլ չկրակենք, և չորս civiles ձեռները բարձրացրած դուրս եկան։ Զորանոցի տանիքի մեծ մասն ու մի պատը փուլ էին եկել, և նրանք դուրս եկան, որ անձնատուր լինեն։

― Ներսում դեռ մարդ կա՞, ― գոռաց Պաբլոն։

― Վիրավոր են։

― Հսկե՛ք սրանց, ― ասաց Պաբլոն իր տղերքից չորս հոգու, որ մոտեցել էին։ ― Կանգնե՛ք այդտեղ։ Պատի տակ, ― ասաց նա civil֊ներին։ Կանգնեցին նրանք պատի տակ, կեղտոտ էին, փոշոտ, ծխից սևացած, նրանց դիմաց կանգնեցին հսկողները, հրացաններն ուղղած իրենց, իսկ Պաբլոն մյուս տղաների հետ գնաց զորանոց՝ վիրավորներին վերջացնելու։

Վերջացրեցին։ Ոչ կրակոց կար, ոչ էլ վիրավորների տնքոցն ու լացի ձայներն էին գալիս։ Պաբլոն իր տղերքի հետ դուրս եկավ, հրացանը գցել էր ուսին, ձեռքին մաուզեր ատրճանակ կար։

― Տե՛ս, Պիլար, ― ասաց, ― սպայի ձեռքին էր, անձնասպան էր եղել։ Ատրճանակից երբեք չեմ կրակել։ Դո՛ւ, ― դարձավ գվարդիականներից մեկին, ― ցույց տուր տեսնեմ ոնց են կրակում սրանից։ Չէ՛, ցույց մի տուր, ասա՛։

Մինչ զորանոցում գնդակահարում էին վիրավորներին, չորս գվարդիականները քրտնակալած ու լուռ կանգնել էին պատի տակ։ Բոլորն էլ բարձրահասակ էին, guardia civilneri դեմքով, այսինքն ճիշտ ոնց որ իմը, միայն թե մազակալած էին, որովհետև այդ առավոտ չէին հասցրել սափրվել։ Եվ այդպես լուռ կանգնել էին պատի տակ։

― Դո՛ւ, ― ասաց Պաբլոն ամենից ավելի մոտիկ կանգնածին, ― ասա, թե ոնց եմ սա գործի դնելու։

― Ապահովիչը հրիր ցած, ― ասաց մարդը խռպոտ ձայնով, ― փողատուփը ետ քաշիր ու բաց թող, որ չխկա։

― Փողատուփը ո՞րն է, ― հարցրեց Պաբլոն ու նայեց civil֊ներին։ ― Փողատուփն ի՞նչ է։

― Վերևի պահեստատուփը։

Պաբլոն փողատուփը ետ քաշեց, բայց այն ինչ֊որ բանի դեմ առավ։

― Այս ի՞նչ եղավ, ― ասաց նա։ ― Չի գնում, խաբեցիր, հա՞։

― Մի քիչ էլ քաշիր ու կամաց բաց թող, ― ասաց civil֊ը։ Ես այդպիսի ձայն չէի լսել։ Ավելի գորշ էր, քան անարև առավոտը։

Պաբլոն քաշեց փողատուփը, ոնց որ ասել էր գվարդիականը, և բաց թողեց։ Լսվեց չխկոցը։ Անճոռնի ատրճանակ էր, փոքր, կլոր կոթով, երկար ու կարծես տափակած փողով։ Գվարդիականները լուռ նայում էին Պաբլոյին։

― Ի՞նչ ես անելու մեզ, ― հարցրեց մեկը։

― Գնդակահարելու ենք, ― ասաց Պաբլոն։

― Ե՞րբ, ― հարցրեց նույն մարդը նույն գորշ ձայնով։

― Հիմա, ― ասաց Պաբլոն։

― Որտե՞ղ, ― հարցրեց մարդը։

― Այստեղ, ― ասաց Պաբլոն։ ― Այստեղ։ Հիմա։ Այստեղ և հիմա։ Որևէ ասելու բան ունե՞ք։

― Nada, ― ասաց գվարդիականը։ ― Ոչ մի բան։ Բայց դա գարշելի բան է։

― Դու էլ ես գարշելի բան, ― ասաց Պաբլոն։ ― Դո՛ւ, գյուղացիների դահիճ։ Դու քո հարազատ մորն էլ կսպանես։

― Ես երբեք և ոչ մեկին չեմ սպանել, ― ասաց civil֊ը։ ― Եվ մորս էլ չհիշես։

― Ցույց տուր տեսնենք, թե ոնց պետք է մեռնել։ Մինչև հիմա միայն սպանել ես իմացել։

― Նախատելու կարիք չկա, ― ասաց մի ուրիշ civil: ― Մենք մեռնել գիտենք։

― Չոքե՛ք ու երեսներդ արեք պատին, ― ասաց Պաբլոն։ Գվարդիականները նայեցին իրար։ ― Չոքե՛ք, ասացի, ― գոռաց Պաբլոն։ ― Ծնկի եկեք։

― Ի՞նչ ես կարծում, Պակո, ― հարցրեց գվարդիականներից մեկը իրենցից ամենաբարձրահասակին, որը Պաբլոյին ցույց էր տվել ատրճանակն օգտագործելու ձևը։ Պակոն կապրալի տարբերանշաններ ուներ, և չնայած որ լուսաբացին օդը դեռ բավական սառն էր, նա քրտինքի մեջ կորել էր։

― Կարելի է և չոքել, ― ասաց նա։ ― Ոչ մի նշանակություն չունի։

― Ավելի մոտիկ կլինենք հողին, ― ասաց մյուսը՝ փորձելով կատակել, բայց կատակի տրամադրություն չկար, բոլորն էլ չափից ավելի էին տագնապած, և ոչ մեկը չժպտաց։

― Ուրեմն եկեք ծնկի գանք, ― ասաց առաջին գվարդիականը, և նրանք անշնորհք շարժումներով, երեսները դեմ արած պատին, ձեռքները կողքներին՝ ծնկի եկան։ Պաբլոն թիկունքից մոտեցավ և կրակեց առաջինի ծոծրակին, հետո հերթով բոլորի ծոծրակներին, ատրճանակի փողը դեմ էր անում ու կրակում, և նրանք մեկ առ մեկ ընկնում էին։ Մինչև հիմա էլ ականջիս մեջ է ատրճանակի սուր, թեև խլացած ձայնը, աչքիս առջև են ատրճանակի ցնցվող փողն ու մարդկանց առաջ հակվող գլուխները։ Մեկն աներեր պահել էր գլուխը, երբ ատրճանակի փողն արդեն հպվել էր նրան, մյուսը հակել էր ու ճակատը սեղմել պատին։ Երրորդն ամբողջ մարմնով դողում էր, գլուխը ցնցվում էր։ Չորրորդը ձեռքերով փակել էր աչքերը։ Երբ չորսն էլ ընկել էին պատի տակ, Պաբլոն շրջվեց և ատրճանակը պահած եկավ դեպի մեր կողմը։

― Պահի՛ր, Պիլար, ― ասաց ինձ ու տվեց ատրճանակը։ ― Չգիտեմ, թե ոնց պիտի դնեմ ապահովիչի վրա։ ― Կանգնեց ու նայեց զորանոցի պատի տակ ընկած չորս գվարդիականներին։ Բոլորս էլ լուռ նայում էինք դիակներին։

Քաղաքը մեր ձեռքին էր։ Վաղ առավոտ էր տակավին, բոլորս էլ քաղցած էինք, նույնիսկ սուրճ չէինք խմել, ոտից գլուխ ծածկվել էինք պայթյունից առաջացած փոշով, կարծես կալոցին լինեինք, ատրճանակը ձեռքիս կանգնել էի, ծանրությունից ձեռքս կախ էր ընկել, և երբ նայեցի պատի տակ ընկած գվարդիականներին, սիրտս ճմլվեց։ Նրանք էլ մեզ պես էին, փոշոտ, կեղտոտ, բայց պառկել էին պատի տակ, իրենց արյունով թրջված գետնին։ Մենք այդտեղ էինք, երբ հեռավոր լեռների ետևից արևը դուրս եկավ, ճառագայթներն ընկան ճանապարհի վրա, մեզ վրա, հետո զորանոցի սպիտակ պատին։ Օդում կանգնած փոշին ոսկուն էր տալիս արևի շողերի մեջ։ Կողքիս կանգնած գյուղացին նայեց ինձ, հետո զորանոցի պատին, պատի տակ ընկածներին, բոլորիս, հետո արևին։

― Vaya,[31] ― ասաց, ― օրը բացվեց։

― Գնանք սուրճ խմենք, ― ասացի ես։

― Այո, Պիլար, ճիշտ ես, ― ասաց նա։

― Գնացինք քաղաք, Plaza:[32] Դրանք վերջիններն եղան։ Հետագայում էլ ոչ մեկին չգնդակահարեցին մեր քաղաքում։

― Իսկ մյուսներն ի՞նչ եղան, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։ ― Էլ ուրիշ ֆաշիստ չկա՞ր քաղաքում։

― Que va, ո՞նց թե չկար։ Քսան հոգուց ավելի։ Բայց ոչ մեկին չգնդակահարեցինք։

― Հապա ի՞նչ արեցիք։

― Շղթայածեծ անելով բերին, հասցրին անդունդի եզրին ու այնտեղից գցեցին ցած, գետի մեջ։

― Քսանի՞ն էլ։

― Կպատմեմ։ Հիմա։ Թեև ծանր է, բայց կպատմեմ։ Թող ինձ այլևս չվիճակվի այդպիսի բան տեսնել, շղթաներով անդունդի եզրին տրված այդպիսի մահացու ծեծ։

Մեր քաղաքը գետի բարձրադիր ափին է, անդունդի եզրին էլ Plaza֊ն է՝ հրապարակը, շատրվանով, բարձր ծառերով, ծառերի տակին էլ նստարաններ։ Տների պատշգամբները նայում են հրապարակին։ Վեց փողոց է բացվում հրապարակի վրա։ Հրապարակի երեք կողմը տներ են, տների առջևում կամարներ կան, և շոգ օրերին մարդիկ դրանց ստվերի տակ պատսպարվում են արևից։ Չորրորդ կողմը անդունդն է, եզրին ստվերոտ ծառուղի է, իսկ խորքում գետն է վազում։

Ամբողջ գործի կազմակերպումը Պաբլոն վերցրել էր իր ձեռքը, ինչպես զորանոցի գրոհի ժամանակ։ Բոլոր վեց փողոցներն էլ փակել էր սայլերով, ոնց որ capea֊ի՝ սիրողական ցլամարտի ժամանակ։ Ֆաշիստներին լցրել էր Ayuntamiento֊յի՝ քաղաքապետարանի դահլիճը։ Դա հրապարակի վրայի ամենամեծ շենքն էր, պատին ժամացույց կար, տակը կամարներ էին, հենց այդ կամարների տակ էլ ֆաշիստների ակումբն էր․ գործած աթոռներ ու սեղաններ էին դրել, գալիս էին այդտեղ խմում, զրուցում։ Սրճարանի էր նման, բայց ավելի կոկիկ էր։

― Ձերբակալության ժամանակ չդիմադրեցի՞ն։

― Պաբլոն նրանց ձերբակալեց գիշերը, նախքան զորանոցի վրա գրոհն սկսելը։ Մինչ այդ նա արդեն պաշարել էր զորանոցը։ Հենց որ գրոհն սկսվեց, բոլորին ձերբակալեցին, միանգամից։ Խելացի ձևով արվեց։ Պաբլոն իսկական կազմակերպիչ է։ Թե չէ մենք գրոհելու էինք զորանոցի վրա, իսկ թիկունքից ու կողքերից մեզ էին խփելու։

― Պաբոն շատ խելացի է, բայց շատ դաժան է։ Նա այդ ամենը նախօրոք ծրագրել էր, լավ նախապատրաստել։ Հիմա լսիր։ Զորանոցից հետո, երբ արդեն չորս գվարդիականները անձնատուր էին եղել ու Պաբլոն նրանց գնդակահարել էր պատի տակ, երբ մենք սուրճը խմել էինք ավտոբուսի առաջին կանգառի անկյունի սրճարանում, Պաբլոն սկսեց հրապարակի նախապատրաստությունը։ Փողոցները փակեց սայլերով, ոնց որ capea֊յի ժամանակ, բացի մեկից, այն, որ անդունդի վրա է բացվում։ Հետո քահանային հրամայեց, որ խոստովանեցնի ֆաշիստներին և անհրաժեշտ բոլոր ծեսերը կատարի։

― Ոտըտե՞ղ։

― Ասացի, Ayuntamiento֊յում։ Ամբոխը հավաքվել էր հրապարակում, և մինչ քահանան իր ծիսակատարությամբ էր զբաղված ներսում, դրսում մի քանի խուժաններ սկսեցին հիշոցներ տալ, բայց մարդկանց մեծ մասը շատ լուրջ էր իրեն պահում, արժանապատվությամբ։ Խուժանություն անողները խմածներն էին, զորանոցի գրավումն էին նշել, ասենք միշտ էլ լինում են այդպիսի անպետք բնավորության տեր մարդիկ, նրանց միայն խմելու առիթ լինի։

― Մինչ քահանան իր ծեսն էր կատարում, Պաբլոն հրապարակում հավաքվածներին կանգնեցրեց երկու շարքով, ոնց որ պարան ձգելու խաղերին են շարվում, կամ հեծանվամրցումների ժամանակ են կանգնում փողոցի երկու կողմերում՝ մի նեղ միջանցք թողնելով հեծանվորդին, մեկ էլ ոնց որ այն ժամանակ, երբ թափորը սրբապատկերներ է տանում։ Երկու մետր լայնությամբ միջանցք էր, որ ամբողջ հրապարակով ձգվում էր մինչև անդունդը։ Պաբլոն այնպես էր արել, որ դուրս եկողը իր առաջ երկու ամուր շարքով կանգնած իրեն սպասող մարդկանց էր տեսնելու։

Շարքերում կանգնածները ցորեն կալսելու շղթաներով էին զինված։ Շարքերի արանքում ընկած տարածությունը մի շղթայաչափ էր։ Մարդկանց մի մասը շղթա չուներ։ Մեծ մասը ուներ։ Գնել էին դոն Գիլյերմո Մարտինիից, որը ֆաշիստ էր և գյուղատնտեսական գործիքների խանութ ուներ։ Նրանք, ովքեր շղթաներ չունեին, զինվել էին հովվի մահակներով, խթաններով ու փայտյա եղաններով։ Մի քանիսի ձեռքին փայտյա հոսելիներ կային, ինչով որ կալսած ցորենը հարդից են զատում քամուն տալով։ Մի քանի հոգի էլ մանգաղներով էին եկել։ Պաբլոն նրանց կանգնեցրեց շարքերի ծայրին, անդունդի հենց եզրին։

Շարքերն հանգիստ կանգնել էին։ Օրը պայծառ էր, այսօրվա նման․ շատ բարձրից ամպեր էին անցնում, ոնց որ հիմա, փոշի չկար, որովհետև գիշերը առատ ցող էր նստել, ծառերի ստվերներն ընկել էին շարքերում կանգնած մարդկանց վրա, լսվում էր առյուծի բերանից շատրվանի գուռի մեջ թափվող ջրի ձայնը։ Մեր քաղաքի կանայք կժերով ջրի էին գալիս այդտեղ։

Միայն Ayuntamiento֊յի մոտ, որտեղ քահանան իր ծեսն էր կատարում, աղմուկ էր, հայհոյում էին, դա էլ այն անպետքներն էին, որ ասացի, խմել ու խռնվել էին պատուհանների տակ և ինչ կեղտոտ խոսքեր ասես թափվում էին ֆաշիստների վրա լուսամուտների երկաթե ճաղերի արանքից, զզվելի կատակներ էին անում։ Շարքերում կանգնած մարդկանց մեծ մասը հանգիստ սպասում էր։ Լսեցի, որ մեկն ասաց․ «Տեսնես կանա՞յք էլ են լինելու»։ Կողքինն էլ ասաց․ «Աստված տա չլինեն»։

Հետո մեկն ասաց․

― Ա՛յ, Պաբլոյի կինն այստեղ է։ Լսի՛ր, Պիլա՛ր, կանայք լինելո՞ւ են։

Նայեցի այդ մարդուն։ Կիրակնօրյա հագուստով, քրտնքի մեջ կորած մի գյուղացի էր։

― Ոչ, Խոակին։ Կին չկա։ Մենք կանանց չենք սպանում։ Ինչո՞ւ սպանենք կանանց։

― Փառք քեզ աստված, որ կանայք չկան, ― ասաց նա։ ― Իսկ ե՞րբ են սկսելու։

― Հենց որ քահանան վերջացնի, ― ասացի։

― Իսկ քահանայի՞ն։

― Չգիտեմ, ― ասացի և տեսա, որ գյուղացու դեմքը ձգվեց, ճակատը քրտինքով պատվեց․․․

― Երբեք մարդ չեմ սպանել, ― ասաց։

― Դե ուրեմն հիմա կսովորես, ― ասաց կողքի գյուղացին։ ― Բայց չեմ կարծում, որ սրանով կարելի է մեկ հարվածով սպանել, ― ասաց ու տարակուսանքով նայեց երկու ձեռքով պահած շղթային։

― Համն էլ դրա մեջ է, ― ասաց մի ուրիշ գյուղացի։ ― Հարվածներ շատ կլինեն։

― Նրանք Վալլադոլիդը գրավել են։ Գրավել են Ավիլան, ― ասաց մեկը։ ― Ճանապարհին իմացա։

― Նրանք այս քաղաքը երբեք չեն գրավի։ Այս քաղաքը մերն է։ Մենք նրանց կանխեցինք, ― ասացի ես։ ― Պաբլոն այն մարդը չէ, որ նստի ու սպասի, թե երբ են իրեն խփելու։

― Պաբլոն կարող մարդ է, ― ասաց մեկ ուրիշը։ ― Բայց որ civil֊ներին մենակ սպանեց, եսասիրություն էր։ Ճիշր չե՞մ, Պիլար։

― Ճիշր ես, ― ասացի ես։ ― Հիմա այս մեկին բոլորդ էլ կմասնակցեք։

― Այո, ― ասաց նա։ ― Այս մեկը լավ է կազմակերպված։ Բայց այս ի՞նչ բան է, որ պատերազմի մասին ոչ մի լուր չկա։

― Զորանոցի վրա գրոհելուց առաջ Պաբլոն հեռախոսալարերը կտրեց։ Դեռ չեն վերանորոգել։

― Հա, ուրեմն այդ է, որ ոչ մի բան չենք լսում, ― ասաց նա։ ― Ես էլ առավոտյան ճանապարհաշինության վարպետից իմացա նորությունները։

― Իսկ ինչո՞ւ այս ձևով ենք անում, Պիլար, ― հարցրեց։

― Փամփուշտները խնայելու համար, ― ասացի ես։ ― Բացի այդ, այս ձևով, ամեն մարդ հավասարապես պատասխանատվության իր բաժինը կունենա։

― Որ այդպես է թող սկսեն։ Թող սկսեն։

Ես նայեցի նրան և տեսա, որ լալիս է։

― Ինչո՞ւ ես լալիս, Խոակին, ― հարցրեցի։ ― Մի՛ լար, ի՞նչ կա լալու։

― Չեմ կարող։ Պիլար, ո՞նց չլամ, ― ասաց նա։ ― Ախր ես երբեք մարդ չեմ սպանել։

Եթե հեղափոխության առաջին օրը դու չես եղել փոքրիկ մի գյուղաքաղաքում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են ու ճանաչել են միշտ, ուրեմն դու ոչ մի բան չես տեսել։ Շարքերում կանգնած մարդկանց մեծ մասը այդ օրն էլ հրապարակ էր շտապել ամենօրյա, աշխատանքային շորերով, իսկ ոմանք, չիմանալով թե ինչպես պետք է վարվեն հեղափոխության առաջին օրը, հագել էին իրենց կիրակնօրյա կամ տոնական օրերի հագուստը, և հիմա, երբ տեսնում էին իրենց կողքին հին շորերով կանգնած մարդկանց, մանավանդ նրանց, ովքեր զորանոցի գրոհին էին մասնակցել, ամաչում էին իրենց հագ ու կապից։ Բայց բաճկոնները չէին հանում, վախենում էին, որ կկորցնեն, որ խուժանները կգողանան, դրա համար էլ արևի տակ քրտնքի մեջ կորած անհամբեր սպասում էին, որ ինչ սկսվելու է, շուտ սկսվի։

Հետո քամի բարձրացավ, և փոշին բռնեց չորս կողմը, որովհետև գետինը չորացել էր մարդկանց ոտների տակ։ Կիրակնօրյա մուգ կապույտ բաճկոնով մի մարդ «Agua! Agua! գոռաց։ Հրապարակի պահակը վերցրեց ռետինե խողովակը, ― այդ տեղերն ամեն առավոտ ջրելը նրա պարտականությունն էր, ― հրապարակի կողքերից սկսեց ջրել, հետո անցավ կենտրոն։ Շարքերը ետ֊ետ քաշվեցին, որպեսզի իրենց կանգնած տեղի փոշին էլ մաքրվի։ Խողովակը ոլորվում էր, կամար֊կամար լինում, ջուրը շողշողում էր արևի տակ, իսկ մարդիկ հենվել էին իրենց շղթաների կոթերին, մահակներին, փայտյա եղաններին ու նայում էին, թե ոնց է ջուրը սրբում֊մաքրում հատակը։ Գետինը լավ թացացավ, փոշին նստեց։ Շարքերը նորից եկան֊կանգնեցին իրենց տեղերում։ Մեկ էլ մի գյուղացի գոռաց․

― Ե՞րբ են բերելու այդ ֆաշիստներին։ Ե՞րբ է վերջանալու դրանց խոստովանությունը։

― Շուտով, ― գոռաց Պաբլոն Ayuntamiento֊յի դռնից ― շուտով դուրս կգան։ ― Պաբլոյի ձայնը խզված էր, որովհետև զորանոցի գրոհի ժամանակ սարսափելի ծուխ էր ու ինքն էլ շատ էր գոռգոռացել։

― Իսկ ի՞նչն է ուշացման պատճառը, ― հարցրեց ինչ֊որ մեկը։

― Մեղքերն են խոստովանում, ― գոռաց Պաբլոն։

― Պարզ է, քսան հոգի, ― ասաց մի մարդ։

― Ավելի, ― ասաց մեկ ուրիշը։

― Քսան հոգին բավական մեղք կունենան խոստովանելու։

― Այո, բայց ինձ թվում է, որ դրանք ուզում են ժամանակ շահել։ Մարդ այս վիճակում մե՞ղք կհիշի։ Թե հիշի էլ՝ հազիվ ամենամեծը։

― Մենք այսօր կթակենք ու քամուն կտանք ֆաշիստներին, և հարդի միջից դուրս կգա pueblo[33]֊յի ազատությունը։

― Բայց պետք է այնպես գործենք, որ արժանի լինենք այդ ազատության, ― ասաց մեկ ուրիշն ու դարձավ ինձ․ ― Պիլար, ե՞րբ է լինելու միտինգը։

― Սրանից անմիջապես հետո, ― ասացի ես։ ― Հենց այստեղ, Ayuntamiento֊յի շենքում։

Guardia civil֊ի եռանկյուն, լաքած կաշվից մի գլխարկ էի դրել գլխիս, հենց այնպես, զվարճանալու համար, ատրճանակն էլ կախել էի մեջքիս կապած պարանից, ապահովիչը ետ քաշել ու մատս պահել շնիկի վրա։ Գվարդիական էի խաղում։ Սկզբում հաճելի էր թվում ինձ այդ խաղը, հետո ձանձրացա, իսկ հետագայում զղջացի, որ գլխարկի փոխարեն ատրճանակի պատյանը չեմ վերցրել։ Շարքերում կանգնածներից մեկն ասաց․

― Պիլար, աղջիկս, ինձ թվում է, որ անճաշակ բան ես արել այդ գլխարկը դնելով։ Guardia civil֊ի նման բաներին արդեն վերջ ենք տվել։

― Որ այդպես է, ― ասացի, ― կհանեմ, ― և հանեցի։

― Ինձ տուր, ― ասաց։ ― Ես կոչնչացնեմ։

Մենք շարքերի հեռավոր ծայրում էինք, քարափի եզրի ծառուղու մոտ, նա վերցրեց գլխարկն ու շպրտեց դեպի անդունդը, այնպես, ինչպես նախրապաններն են քար գցում հեռու գնացած եզների վրա, որպեսզի ետ՝ նախիր դարձնեն, և գլխարկը փոքրացավ, փոքրացավ ու արևի տակ շողշողալով գնաց դեպի գետը։ Շրջվեցի դեպի հրապարակ․ մարդիկ լցվել էին պատշգամբները, նայում էին պատուհաններից, Ayuntamiento֊յի դռնից մինչև անդունդը ձգվել էին մարդկանց զույգ շարքերը, քաղաքապետարանի շենքի պատուհանների տակ խռնված ամբոխը աղմկում էր, մեկ էլ մի բացականչություն լսվեց՝ «եկավ, առաջինը եկավ»։ Դոն Բենիտո Գարսիան էր, քաղաքապետը, նա դուրս եկավ գլխաբաց և ծանրաքայլ իջավ դարպասի աստիճաններով։ Ոչ ոք չէր դիպչում նրան։ Նա քայլում էր շարքերի արանքով, իսկ շղթաները ձեռքներին կանգնած մարդիկ ձեռք չէին տալիս նրան։ Անցավ առաջին երկուսի առաջով, չորսի, ութի, տասի, և ոչ մեկը ձեռք չէր տալիս։ Գլուխը բարձր պահած, չաղ, գորշ դեմքով, աչքերն ուղիղ դիմացը հառած, ― բայց հետո սկսեց այս ու այն կողմ պտտել, ― նա հաստատ քայլերով անցնում էր շարքերի արանքով, և ոչ մեկը ձեռք չէր տալիս։ Մեկ էլ մի պատշգամբից ինչ֊որ մեկը գոռաց․ «Que pasa, cobardes? Ի՞նչ եք կանգնել, վախկոտներ»։ Իսկ դոն Բենիտոն շարունակում էր քայլել շարքերի արանքով և ոչ ոք ոչ մի բան։ Այդ պահին աչքս ընկավ մեկի վրա, ինձնից երեք մարդ այն կողմ էր կանգնած, դեմքը ծամածռվել էր, շրթունքներն առել էր ատամների տակ, շղթան այնքան ամուր էր սեղմել, որ ձեռքերն սպիտակել էին։ Այդ մարդը նայում էր մոտեցող դոն Բենիտոյին, իսկ սա գալիս էր, և ոչ մեկը ոչինչ չէր անում։ Երբ դոն Բենիտոն մոտեցավ այդ մարդուն, սա բարձրացրեց ձեռքի շղթան, այնպես բարձրացրեց, որ կողքինին էլ կպավա, և իջեցրեց դոն Բենիտոյի գլխին, դոն Բենիտոն նայեց նրան, նա նորից խփեց, «Առ քեզ, cabron[34]» գոռաց ու խփեց, հետո էլի խփեց, այս անգամ դեմքին, դոն Բենիտոն ձեռքով ծածկեց դեմքը, ուրիշներն էլ սկսեցին խփել, խփեցին մինչև որ ընկավ, հետո այն մարդը, որն առաջինն էր խփել, կանչեց մյուսներին, որ օգնեն իրեն, բռնեց դոն Բենիտոյի շապկի օձիքից, մյուսները՝ թևքերից և հրապարակով, ծառուղիով երեսնիվայր քարշ տալով տարան ու քարափից գլորեցին անդունդի միջով վազող գետը։ Իսկ այն մարդը, որ առաջինն էր հարվածել, չոքել էր քարափի ծայրին, նայում էր ցած ու կրկնում․ «Cabron! Cabron! Ա՜խ Cabron!»։ Նա դոն Բենիտոյի վարձակալն էր եղել, նրանք երկար ժամանակ իրար հետ լեզու չէին գտնում։ Գետափին գտնվող իր մի հողակտորը դոն Բենիտոն այս մարդուց վերցրել էր և մի ուրիշին էր վարձով տվել։ Այա մարդը տարիներ շարունակ ատել էր դոն Բենիտոյին։ Հիմա նստել էր քարափի գլխին ու նայում էր ցած։ Նա այլևս չմոտեցավ շարքերին։

Դոն Բենիտոյից հետո ոչ ոք չէր ուզում դուրս գալ։ Հրապարակում բոլորը լուռ սպասում էին երկրորդին։ Մեկ էլ մի հարբած բարձր ձայնով կանչեց․

Que salga el toro! Ցուլը բաց թողեք։

Մեկ ուրիշն էլ Ayuntamiento֊յի պատուհանի մոտից բղավեց․

― Չեմ ուզում դուրս գալ։ Աղոթում են։

Մի հարբած էլ մյուս կողմից գոռաց․

― Դուրս քշեք դրանց։ Դուրս արեք։ Աղոթքի ժամը պրծավ։ Բայց ոչ ոք դուրս չէր գալիս, հետո դռների մեջ երևաց մեկը։

Դոն Ֆեդերիկո Գոնսալեսն էր, մի թունդ ֆաշիստ, որը նպարեղենի խանութ ուներ և ջրաղաց։ Բարձրահասակ, նիհար մարդ էր, մազերը գլխի մի կողմից սանրել֊բերել էր մյուս կողմը, որպեսզի ճաղատը ծածկի։ Գիշերանոցով էր, հավաքել֊մտցրել էր շարլվարի մեջ, բոբիկ էր։ Անկողնից հանել, ձերբակալել ու բերել էին։ Գալիս էր Պաբլոյի առաջն ընկած, ձեռքերը բարձրացրել էր, իսկ Պաբլոն հրացանի փողը դեմ էր արել նրա մեջքին։ Երբ հասան շարքերին, Պաբլոն նրան թողեց և վերադարձավ դեպի Ayuntamiento: Դոն Ֆեդերիկոն կանգ առավ, աչքերն հառեց վերև, ձեռքերը բարձրացրեց, կարծես երկնքից փրկություն էր սպասում։

― Ոտքեր չունի, որ քայլի, ― ասաց մեկը։

― Ի՞նչ եղավ, դոն Ֆեդերիկո։ Չե՞ս կարողանում քայլել, ― գոռաց մեկը։ Դոն Ֆեդերիկոն ձեռքերը բարձրացրել ու կանգնել էր, շրթունքներն էին միայն շարժվում։

― Շարժվի՜ր, ― գոռաց Պաբլոն աստիճանների վրայից։ ― Քայլի՛ր։

Դոն Ֆեդերիկոն կանգնել էր և չէր կարողանում շարժվել։ Հարբածներից մեկը շղթայի կոթով խփեց մեջքին, դոն Ֆեդերիկոն կամակոր ձիու նման տրտինգ տվեց, բայց մնաց տեղում կանգնած, ձեռքերը բարձրացրած և աչքերն ուղղած երկինք։

Կողքիս կանգնած մի գյուղացի դարձավ ինձ․

― Ամոթ է, չէ՞։ Ես այդ մարդու դեմ բան չունեմ, բայց վերջ պետք է տալ այս ներկայացմանը, ― ասաց ու շարքերի արանքով մոտեցավ դոն Ֆեդերիկոյին։ ― Թույլ տուր, ― ասաց ու ձեռքի մահակը թափով իջեցրեց նրա գլխին։ Դոն Ֆեդերիկոն ձեռքերով ծածկեց ճաղատը, ցանցառ մազերը դուրս էին պրծել մատների բացվածքներից, նա սկսեց վազել շարքերի արանքով, շղթաների հարվածներն իջնում էին թիկունքին, ուսերին։ Ընկավ։ Շարքերի վերջին կանգնածները քարշ տալով տարան ու գցեցին անդունդը։ Այդպես էլ ոչ մի անգամ, Ayuntamiento֊յից դուրս գալուց մինչև ընկնելը, նա բերանը չբացեց։ Բայց արի ու տես, որ քայլել չէր կարողանում։ Ոտքերն իրեն չէին ենթարկվում։

Դոն Ֆեդերիկոյից հետո անդունդի գլխին սկսեցին հավաքվել ամենից ավելի դաժանները, ես թողեցի ու հեռացա այդտեղից, մոտեցա Ayuntamiento֊յի պատուհանին, երկու հարբածներ էին կանգնած, մի կողմ հրեցի դրանց ու նայեցի ներս։ Ayuntamiento֊յի դահլիճում նրանք կիսաշրջան կազմած ծնկի էին եկել ու աղոթում էին։ Նրանց հետ աղոթում էր և քահանան։ Նա էլ էր ծնկի եկել։ Պաբլոն, «Cuatro Dedos»՝ «Չորս մատ» մականունով կոշկակարը, որն այն ժամանակ միշտ Պաբլոյի հետ էր լինում, և էլի երկու հոգի հրացանները նրանց վրա պահած կանգնել էին այդտեղ։

― Ո՞վ է հիմա գնալու, ― հարցրեց Պաբլոն քահանային։ Քահանան շարունակեց աղոթել և ոչինչ չպատասխանեց։

― Լսի՛ր, քեզ հետ եմ, ― ասաց Պաբլոն քահանային խռպոտած ձայնով։ ― Ո՞վ է հիմա գնալու։ Ո՞վ է պատրաստ։

Քահանան չէր պատասխանում նրան և շարունակում էր աղոթել, նա իրեն այնպես էր պահում, կարծես Պաբլոն այնտեղ չլիներ։ Ես տեսա, որ Պաբլոն սկսում է կատաղել։

― Թույլ տուր բոլորս միասին գնանք, ― ասաց Պաբլոյին կալվածատեր դոն Ռիկարդո Մոնտալվոն, որն ընդհատել էր աղոթքն ու գլուխը բարձրացրել։

― Qur va, ― ասաց Պաբլոն։ ― Մեկ֊մեկ, ա՛յ, դո՛ւ, դուրս արի, դու արդեն պատրաստ ես։

― Ես կգնամ, ― ասաց դոն Ռիկարդոն։ ― Ես պատրաստ եմ, սրանից ավելի էլ ո՞ւր։ ― Նա խոսում էր, իսկ քահանան օրհնում էր նրան, հետո, երբ նա կանգնեց, քահանան խաչը մեկնեց, որ նա համբուրի։ Դոն Ռիկարդոն համբուրեց խաչը և դարձավ Պաբլոյին։

― Ես երբեք այսքան պատրաստ չեմ եղել, ― ասաց նա։ ― Քեզ հետ եմ, քոսոտ cabron, գնանք։

Դոն Ռիկարդոն կարճահասակ էր, մազերը մոխրագույն էին։ Վիզը հաստ էր։ Հագի վերնաշապիկը օձիք չուներ։ Միշտ ձիու վրա էր եղել, դրանից էլ ոտքերը ծուռ էին։

― Մնաք բարով, ― ասաց չոքածներին։ ― Մի՛ տխրեք։ Մեռնելը դատարկ բան է։ Վատն այն է, որ այս canalla[35]֊ների ձեռքով ենք մեռնում։ Ինձ ձեռք չտաս, ― ասաց Պաբլոյին։ ― Հեռու տար այդ հրացանդ։

Այդ կարճահասակ, մոխրագույն մազերով ու մոխրագույն մանր աչքերով հաստ, կատաղած մարդը դուրս եկավ Ayuntamiento֊յի դռնից։ Նա նայեց երկու շարքով կանգնած գյուղացիներին ու թքեց հատակին։ Թքեց իսկական թքով, մի բան, որ հազվադեպ է լինում նման հանգամանքներում, դու դա կիմանաս, Ingles, և ասաց․

― Arriba Espana:[36] Անկցի ձեր այդ ըսենց ու ընենց Հանրապետությունը, ես ձեր հայրերի ծծած կաթը։

Նրան շատ արագ սպանեցին, որովհետև հայհոյել էր իրենց, հենց որ մոտեցավ շարքերին, սկսեցին բահերով խփել, նա փորձում էր գլուխը բարձր պահել, իսկ նրանք խփում էին, հարվածում էին մանգաղներով, խփեցին, մինչև որ ընկավ, հետո մի մեծ խմբով վերցրին ու տարան գցեցին անդունդը։ Հիմա նրանց ձեռներին, հագուստների վրա արյուն կար։ Հիմա նրանք հասկացան, որ դուրս եկողներն իրոք թշնամիներ են և պետք է սպանվեն։

Քանի դեռ դոն Ռիկարդոն դուրս չէր եկել ու այդպես կատաղած հայհոյել, շարքերում եղողներից շատերը, համոզված եմ, շատ բան կտային, որ շարքում կանգնած չլինեին։ Եվ երբ այդ ժամանակ մեկնումեկն ասեր թե՝ «Եկեք ներենք մնացածներին, նրանք իրենց դասն արդեն առան», համոզված եմ, մեծ մասը կհամաձայներ։

Բայց դոն Ռիկարդոն իր այդ խիզախությամբ վատ ծառայություն մատուցեց մնացածներին։ Որովհետև շարքերում կանգնած ժողովուրդը ծառս եղավ, և եթե մարդիկ մինչև այդ կարծում էին, որ դա ինչ֊որ պարտականություն է, որ պետք է կատարեն ու կատարում էին առանց որևէ բավականության, հիմա արդեն կատաղել էին, և դա շատ ակնհայտ էր։

― Քահանային դուրս բերեք, որպեսզի գործն արագանա, ― գոռաց մեկը։

― Քահանային բերեք։

― Երեք ավազակ արդեն եկել են, հիմա քահանային բերեք։

― Երկու ավազակ, ― ասաց գոռացողին մի կարճահասակ գյուղացի։ ― Երկու ավազակ էին Մեր Տիրոջ հետ։

― Ո՞ւմ տիրոջ, ― ասաց բարկությունից կարմրատակած երեսով մարդը։

― Մեր Տիրոջ, ոնց որ ընդունված է ասել։

― Նա իմ տերը չէ, թեկուզ հենց այնպես, խոսքի համար, ― ասաց մյուսը։ ― Եվ լավ կանես բերանդ փակես, եթե չես ուզում շարքերի միջով քայլել։

― Ես քեզնից պակաս հանրապետական չեմ, ― ասաց կարճահասակ գյուղացին։ ― Ես դոն Ռիկարդոյի բերանին խփեցի։ Դոն Ֆեդերիկոյի թիկունքին։ Դոն Բենիտոյին վրիպեցի։ Իսկ «Մեր Տերը» ընդունված խոսք է, և նրա հետ էլ երկու ավազակ են եղել։

― Տո քեզ պես հանրապետականին, ես քո ծծած կաթը։ Սրա խոսելուն նայեք, դոն այսինչ, դոն այնինչ։

― Այստեղ նրանց այդպես են ասել։

― Բայց ոչ ես։ Ես այդ cabron֊ներին։ Քո տիրոջը․․․ է՜, եկա՜վ, մեկն էլ եկա՜վ։

Ահա այդ ժամանակ մենք ականատես եղանք մի խայտառակ տեսարանի։ Ayuntamiento֊յի դռնից դուրս եկավ Դոն Ֆաուստինո Ռիվերոն՝ դոն Սելեստինո Ռիվերայի ավագ որդին։ Բարձրահասակ էր, մազերը խարտյաշ էին ու ետ սանրած։ Գրպանում միշտ սանր էր պահում, ամբողջ օրը աղջիկների էր սիրահետում, վախկոտ էր, և ամբողջ կյանքում երազել էր սիրող ցլամարտիկ դառնալ։ Մոտիկություն էր անում գնչուների, ցլամարտիկների ու ցլավաճառների հետ, անդալուզիական տարազ էր հագնում, բայց վախկոտ էր, և բոլորը ձեռ էին առնում նրան։ Մի անգամ հայտարարեցին, որ դոն Ֆաուստինոն սիրողական ցլամարտի է մասնակցելու և հասույթը տրվելու է Ավիլայի ծերանոցին։ Ասացին, որ անդալուզիական ձևով՝ ձի հեծած է սպանելու ցուլին։ Երկար ժամանակ մարզվել էր, բայց երբ տեսել էր, թե խոստացված փոքր, թույլ ցլի փոխարեն ինչպիսին են դուրս բերել իր դեմ, ասել էր հիվանդ է, ոմանք նույնիսկ պնդում են, թե երեք մատը կոխել էր կոկորդը, որպեսզի ետ տա։

Հիմա երբ երևաց, ամեն մեկն սկսեց մի բան գոռալ շարքերից։

― Hola, դոն Ֆաուստինո, այնպես արա, որ ետ չտաս։

― Լսի՛ր, դոն Ֆաուստինո, ասում են անդունդում գեղեցիկ աղջիկներ կան։

― Դոն Ֆաուստինո, մի րոպե սպասիր, հիմա քեզ մի այնպիսի ցուլ բերենք, այն մեկից էլ մեծ։

― Լսի՛ր, դոն Ֆաուստինո, ― գոռաց մեկը, դու մահվան մասին լսած կա՞ս։

Դոն Ֆաուստինոն կանգնած էր դեռ խիզախ կեցվածքով։ Քաջաբար դուրս գալու պահի ոգևորությունը տակավին չէր անցել։ Դա այն նույն ոգևորությունն էր, որով մի ժամանակ էլ ցլամարտի հայտարարությունն էր արել և հավատացել էր, որ կարող է սիրող֊մատադոր դառնալ։ Հիմա, դոն Ռիկարդոյի օրինակով, նա քաջ֊քաջ կանգնել էր և արհամարհանքով դեմքն էր ծամածռում։ Բայց խոսել չէր կարողանում։

― Դե արի, դոն Ֆաուստինո, ― կանչեց մեկը շարքերի միջից։ ― Մոտ արի, դոն Ֆաուստինո։ Արի տես, ամենամեծ ցուլն ենք բերել քեզ համար։

Դոն Ֆաուստինոն կանգնել ու նայում էր շուրջը, իսկ ես նայում էի նրան և մտածում, որ շարքերում ոչ մի հոգի չի գտնվի, որ խղճա նրան։ Նա դեռ շարունակում էր պահպանել խիզախ ու խրոխտ կեցվածքը։ Բայց ժամանակն անցնում էր, իսկ նա կարող էր առաջ գնալ միայն մեկ ուղղությամբ։

― Դոն Ֆաուստինո, ― կանչեց մեկը։ ― Այդ ինչի՞ ես սպասում, դոն Ֆաուստինո։

― Ուզում է ետ տալ, ― ասաց մեկ ուրիշը, և շարքերը ծիծաղեցին։

― Դոն Ֆաուստինո, ― կանչեց մի գյուղացի, ― եթե քեզ հաճելի է, ետ տուր, մի՛ քաշվիր։ Ես չեմ զզվում։

Դոն Ֆաուստինոն նայեց մարդկանց շարքերին, որ հրապարակով ձգվում էին մինչև քարափը, հետո նայեց քարափին, քարափի ետևում բացվող դատարկությանն ու արագ շրջվեց և գնաց դեպի Ayuntamiento֊յի մուտքը։

Շարքերը քրքրջացին, իսկ մեկը զիլ ձայնով գոռաց․

― Այդ ո՞ւր ես գնում, դոն Ֆաուստինո։ Ո՞ւր ես գնում։

― Գնում է սիրտը թափի, ― բացականչեց մեկ ուրիշը և նորից բոլորը ծիծաղեցին։

Քիչ անց դոն Ֆաուստինոն նորից երևաց։ Պաբլոն հրացանը մեջքին դեմ արած քշում էր նրան դեպի շարքերը։ Նախկին խրոխտ կեցվածքից ոչինչ չէր մնացել։ Շարքերի տեսքից կեցվածքն էլ էր չքացել, պահվածքն էլ, և հիմա Պաբլոն գցել էր նրան առաջն ու քշում էր, կարծես փողոցն ավլելիս լիներ։ Դոն Ֆաուստինոն հիմա արդեն խաչակնքում էր ու աղոթում, հետո ձեռքերը տարավ աչքերին և սկսեց աստիճաններից իջնել։

― Թողեք գնա, ― կանչեց մեկը։ ― Ձեռք չտաք։ ― Շարքերում կանգնածները հասկացան և ոչ ոք ձեռք չտվեց դոն Ֆաուստինոյին, ու նա, ցնցվող ձեռքերով աչքերը պահած և բերանը բաց ու խուփ անելով, քայլեց շարքերի միջով։

Ոչ ոք ձեռք չտվեց նրան, ոչ ոք ոչ մի խոսք չասաց։ Երբ ճանապարհի կեսը կտրել էր արդեն, չկարողացավ այլևս քայլել և ընկավ ծնկների վրա։

Ոչ ոք չխփեց նրան։ Ես քայլում էի շարքի կողքով ու հետևում էի նրան։ Մի գյուղացի կռացավ, օգնեց, որ ոտի կանգնի, և ասաց․

― Վեր կաց, դոն Ֆաուստինո, վեր կաց քայլիր։ Ցուլը դեռ չի եկել։

Դոն Ֆաուստինոն չէր կարողանում քայլել առանց օգնության։ Սև շապիկ հագած մի գյուղացի մոտեցավ նրան, սև շապիկով ու նախրապանի կոշիկներով մի ուրիշ գյուղացի էլ մյուս կողմից եկավ մոտիկ, բռնեցին դոն Ֆաուստինոյի թևերից ու սկսեցին քայլել նրան հետ շարքերի միջով։ Դոն Ֆաուստինոն անցնում էր շարքերի միջով, ձեռքերով փակել էր աչքերը, բերանն անընդհատ բաց ու խուփ էր անում, և արևի տակ շողշողում էին սղալած խարտյաշ մազերը։ Շարքերում կանգնած գյուղացիները այսպիսի խոսքեր էին ասում․ «Դոն Ֆաուստինո, buen provecho»։ Դոն Ֆաուստինո, բարի ախորժակ», «Դոն Ֆաուստինո, A sus ordenes։ Դոն Ֆաուստինո, հրամանքդ», «Դոն Ֆաուստինո, երկնքում այնքան գեղեցիկ աղջիկներ կան», մեկն էլ, որը նույնպես ձախողակ ցլամարտիկ էր եղել, ասաց․ «Դոն Ֆաուստինո, matador, a sus ordenes: Դոն Ֆաուստինո, մատադոր, հրամանքդ»։ Եվ երկու կողքերից ամուր պահած տանում էին դոմ Ֆաուստինոյին շարքերի միջով, իսկ նա ձեռքերով ծածկել էր աչքերը։ Բայց կարծում եմ, որ նա մատների արանքից նայում էր, որովհետև, երբ մոտեցան քարափին, նա նորից չոքեց, հետո պառկեց գետնին և ձեռքերով կառչեց հողին, խոտերին և գոռում էր․ «Ո՛չ։ Ո՛չ։ Ո՛չ։ Մի՛ արեք։ Խնդրում եմ։ Ո՛չ։ Խնդրում եմ։ Խնդրում եմ։ Ո՛չ։ Ո՛չ»։

Երկու գյուղացիները, որ թևերը մտած տանում էին նրան, և անդունդի եզրին հավաքվածներից մի քանի հոգի՝ առավել դաժանները, պպզեցին նրա ետևն ու քացով տվեցին֊գցեցին անդունդը, ոչ մի ծեծ չտվին, միայն մի բարձր ճչոց լսվեց, երբ ընկնում էր։

Դրանից հետո ես հասկացա, որ շարքերում կանգնած մարդիկ դարձել են դաժան, և դրա պատճառը նախ դոն Ռիկարդոյի հայհոյանքներն եղան, հետո էլ դոն Ֆաուստինոյի վախկոտությունը։

― Հաջորդին ուղարկեք, ― կանչեց մի գյուղացի, իսկ մեկ ուրիշ գյուղացի խփելով նրա ուսին ասաց․

― Ա՜յ, դոն Ֆաուստինո։ Ի՜նչ բան էր, է՛հ։ Ա՜յ, դոն Ֆաուստինո։

― Հիմա նա արդեն հանդիպել է ցուլին, ― ասաց մյուսը։ ― Հիմա սիրտ թափելն էլ չի օգնի։

― Կյանքումս, ― ասաց մյուս գյուղացին, ― կյանքումս այսպիսի բան, ոնց որ դոն Ֆաուստինոն, չեմ տեսել։

― Համբերի՛ր, դեռ ուրիշներ էլ կան, ― ասաց մյուս գյուղացին։ ― Դու չգիտես, թե դեռ ինչեր ենք տեսնելու։

― Կարող է հսկաներ էլ տեսնենք, թզուկներ էլ, ― ասաց առաջին գյուղացին, ― կարող է նեգրեր էլ լինեն, Աֆրիկայից բերած տեսակ֊տեսակ գազաններ էլ․ բայց դոն Ֆաուստինոյի նման բան էլ չի լինի, ինձ համար չի լինի, չի էլ եղել։ Բայց թող ուղարկեն։ Դե ուղարկե՛ք։ Հաջորդին ուղարկեք։

Հարբեցողները ֆաշիստների ակումբի բարը թալանել էին ու հիմա անիսոնի օղու և կոնյակի շշերը ձեռքից ձեռք էին փոխանցում, խմում էին, ոնց որ գինի խմես, շարքերում կանգնածներից շատերը նույնպես մի քիչ հարբած էին դոն Բենիտոյի, դոն Ֆեդերիկոյի, դոն Ռիկարդոյի և հատկապես դոն Ֆաուստինոյի հետ տեղի ունեցածից հետո։ Նրանք, ովքեր շշի խմիչք չէին ուզում, խմում էին տկերից, ինձ էլ մի տիկ փոխանցեցին, ել էլ մի լավ ումպ արեցի, շատ ծարավ էի, այնքան հաճելի էր, երբ սառը գինին կաշվե bota֊յից կոկորդովս սկսեց վար իջնել։

― Մարդ որ սպանում է, շատ է ծարավում, ― ասաց գինու տիկը տվող մարդը։

― Que va, ― ասացի, ― դու սպանե՞լ ես։

― Մենք չորս հոգու սպանեցինք, ― ասաց հպարտ֊հպարտ։ ― Civil֊ներին էլ չեմ հաշվում։ Իսկ ճի՞շտ է, Պիլար, որ մի civil֊ի դու ես սպանել։

― Ոչ, ― ասացի ես։ ― Երբ պատը փուլ եկավ, բոլորի հետ ես էլ կրակեցի ծխի ուղղությամբ։ Այդքան մի բան։

― Իսկ ատրճանակը որտեղի՞ց ես ձեռք գցել, Պիլար։

― Պաբլոն է տվել։ Civil֊ներին սպանելուց հետո տվեց ինձ։

― Այս ատրճանակո՞վ սպաեց։

― Հենց սրանով, ―ասացի։ ― Հետո էլ տվեց ինձ։

― Կարելի՞ է տեսնել, Պիլար։

― Ինչո՞ւ չէ, բարեկամ, ― ասացի ու մեջքիս կապած պարանի տակից հանեցի ատրճանակն ու մեկնեցի իրեն։

Ես մտածում էի, թե ինչու նոր մարդ չի գալիս, և այդ պահին հայտնվեց դոն Գիլյերլո Մարտինը։ Նրա խանութից էին մարդիկ վերցրել կալսաշղթաները, հովվի մահակներն ու փայտե եղանները։ Դոն Գիլյերմոն ֆաշիստ էր, բայց մարդիկ նրա դեմ ոչինչ չունեին։

Ճիշտ է, նա կալսաշղթաներ պատրաստողներին ցածր էր վճարում, բայց նաև էժան էլ ծախում էր, և եթե որևէ մեկը չցանկանար դոն Գիլյերմոյի խանութից գնել, կարող էր ինքը պատրաստել շատ չնչին փող ծախսելով՝ փայտի ու կաշվի համար։ Ա՛յ, մարդկանց հետ խոսել չգիտեր, կոպիտ էր, և շատ մոլեռանդ ֆաշիստ էր։ Ակումբի անդամ էր, ամեն օր, կեսօրին ու երեկոյան գալիս նստում էր ակումբի եղեգնյա աթոռներից մեկի վրա և «El debate» էր կարդում, կոշիկներն էր մաքրել տալիս, վերմուտ էր խմում ու զելտերյան ջուր, բոված նուշ էր ուտում, չորացրած խեցգետին ու խամսա։ Բայց այս բաների համար մարդ չեն սպանում, և համոզված եմ, եթե մինչ այդ դոն Ռիկարդո Մոնտալվոյի հայհոյանքները լսած ու դոն Ֆաուստինոյի արգահատելի ներկայացումը տեսած չլինեին ու դրանից էլ ավելի գրգռված ու հարբած, մեկնումեկը անպայման վեր կկենար ու կգոռար՝ «Եկե՛ք, ժողովուրդ, թողնենք դոն Գիլյերմոյին՝ թող իր համար հանգիստ գնա։ Շղթաներն առել ենք՝ հերիք է, թող գնա»։ Ախր մեր քաղաքի մարդիկ ինչքան դաժան են, նույնքան էլ բարի են և ի բնե արդարության ըմբռնում ունեն, ձգտում են շիտակ գործ անել։ Բայց դաժանությունը ու գինովությունը արդեն մտել էին նրանց մեջ, շարքերում կանգնած մարդիկ հարբել էին, կամ էլ հարբելու վրա էին, մի խոսքով, այն չէին, ինչ որ դոն Բենիտոյի դուրս գալու պահին։ Ես խմել սիրում եմ, և հազիվ թե մեկնումեկը ինձանից ավելի լավ գնահատի գինու պատճառած բավականությունը, բայց Իսպանիայում, ես չգիտեմ, թե ուրիշ երկրներում ինչպես է, Իսպանիայում գինովությունը, հատկապես եթե դա միայն գինու հետևանք չէ, եթե դրան ուրիշ տարրեր էլ են խառնվել, սարսափելի այլանդակ բանի է վերածվում, մարդիկ այնպիսի բաներ են անում, որ երբեք չէին անի։ Ձեր երկրում, Ingles, այդպես չէ՞։

― Այդպես է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Երբ ես յոթ տարեկան էի, մի անգամ մորս հետ հարսանիք էի գնացել Օհայո նահանգում, ես մի աղջկա հետ զույգ կազմած հարսանեկան ծաղիկներն էի տանելու․․․

― Դո՞ւ տարար, ― հարցրեց Մարիան։ ― Ինչ լա՜վ է։

― Այդ քաղաքում մի նեգրի կախեցին փողոցի լամպի սյունից ու վառեցին։ Լամպը ճախարակի վրա էր, սկզբում փորձում էին այդ մեխանիզմով բարձրացնել նեգրին, բայց պոկվեց․․․


― Նեգրի՞ն, ― ասաց Մարիան։ ― Ի՜նչ բարբարոսություն։

― Հարբա՞ծ էին, ― հարցրեց Պիլարը։ ― Այնպես էին հարբած, որ նեգրին վառո՞ւմ էին։

― Չգիտեմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես պատուհանից էի նայում, մեր շենքը այդ սյունի հետ սուր անկյուն էր կազմում, վարագույրն էլ իջեցրած էր։ Փողոցում լիքը ժողովուրդ էր, և երբ երկրորդ անգամ բարձրացրին նեգրին․․․


― Եթե ընդամենը յոթ տարեկան ես եղել և այդ ամենը տեսել ես պատուհանից, ուրեմն հաստատ չես կարող ասել հարբած են եղել թե ոչ, ― ասաց Պիլարը։

― Ուրեմն, երբ երկրորդ անգամ բարձրացրին նեգրին, մայրս ինձ մի կողմ հրեց պատուհանից, և ես այլևս ոչինչ չտեսա, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց այդ օրվա դեպքը ինձ համար ապացույց է, որ հարբածը իմ երկրում էլ նույնքան այլանդակ ու դաժան է, ինչքան ձեր երկրում։

― Դու շատ փոքր ես եղել, ընդամենը յոթ տարեկան, ― ասաց Մարիան։ ― Յոթը տարեկան հասակում այդպիսի բաներ տեսնել։ Ես միայն կրկեսում եմ նեգր տեսել։ Եթե մարոկցիներին նեգր չհաշվենք։

― Նրանցից ոմանք նեգր են, ոմանք՝ ոչ, ― ասաց Պիլարը։ ― Ես նրանց մասին շատ բան կարող եմ պատմել։

― Ես ավելի շատ կարող եմ պատմել, ― ասաց Մարիան։ ― Ինձանից շատ չես պատմի։

― Լավ, ուրիշ բանից խոսենք, ― ասաց Պիլարը։ ― Կարիք չկա տխուր խոսակցությունների։ Հա, որտե՞ղ էինք։

― Ասում էիր, որ շարքերում կանգնածներն արդեն հարբած էին, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Շարունակիր։

― Հարբած էին ասելը ճիշտ չէր լինի, ― ասաց Պիլարը, ― որովհետև մինչև իսկական հարբածությունը դեռ երկար ճանապարհ կար։ Բայց արդեն փոխվել էին, այդ փոփոխությունը շատ լավ զգացվում էր, երբ դոն Գիլյերմոն դուրս եկավ և կանգնեց աստիճանների գլխին։ Կարճատես, ալեխառն մազերով, միջահասակ դոն Գիլյերմոն՝ հագին մի շապիկ, որի օձիքը չկար, բայց ճարմանդը մնացել էր օղակի մեջ, կանգնեց, խաչ հանեց, հետո հազիվ առաջը տեսնելով, որովհետև ակնոցը չէր կարողացել վերցնել, սկսեց հանդարտ առաջ գնալ, նրա տեսքը խղճահարություն էր շարժում, բայց ինչ֊որ մեկը շարքերում կանգնածներից գոռաց․

― Այս կողմ, դոն Գիլյերմո, այս կողմ արի։ Այս ուղղությամբ։ Այստեղ բոլորիս մոտ էլ քո ապրանքներն են։

Դոն Ֆաուստինոյին որ այդպես հաջող ձեռ էին առել, համն ընկել էր բերանները, և հիմա արդեն չէին տեսնում, որ դոն Գիլյեմոն ուրիշ է, և եթե պետք է նրան սպանել, ապա պիտի սպանել արագ ու արժանապատվությունը պահելով։

― Դոն Գիլյերմո, ― կանչեց մեկը, ― ուզո՞ւմ ես առանձնատներիցդ ակնոցդ բերենք։

Դոն Գիլյերմոն առանձնատուն չուներ, նա հարուստ չէր, իսկ ֆաշիստ էր դարձել, որովհետև սնոբ էր, բացի այդ, նա դրանով նաև ինչ֊որ չափով իրեն մխիթարված էր զգում՝ թե ինչ անենք, որ ընդամենը փայտե գործիքների մի խանութ է ունեցածը։ Ֆաշիստ էր դարձել նաև այն պատճառով, որ կինը մոլեռանդ հավատացյալ էր և նրա սիրուց ինքն էլ իրեն պարտադրված էր զգում հավատացյալ լինելու։ Ապրում էր հրապարակից երեք տուն ներքև գտնվող շենքի բնակարաններից մեկում, և մինչ նա կանգնած կարճատես աչքերով նայում էր շարքերին, զույգ շարքին, որոնց միջև գիտեր որ պարտավոր է անցնել, նրա բնակարանի պատշգամբից մի կին ճչաց։ Իր կինն էր, որը պատշգաբից տեսնում էր իրեն։

― Գիլյերմո՛, ― կանչում էր կինը։ ― Գիլյերմո՛։ Սպասի՛ր, ես էլ եմ գալիս քեզ հետ։

Դոն Գիլյերմոն գլուխը շրջեց ձայնի ուղղությամբ։ Չէր կարողանում կնոջը տեսնել։ Փորձեց ինչ֊որ բան ասել, չկարողացավ։ Հետո ձեռքով արեց կնոջ ձայնի ուղղությամբ ու սկսեց քայլել շարքերի միջով։

― Գիլյերմո՛, ― կանչում էր կինը, ― Գիլյերմո՛, ա՜խ։ Գիլյերմո՛։ ― Նա կառչել էր պատշգամբի բազիրքից ու ամբողջ մարմնով ետ ու առաջ էր ընկնում։ ― Գիլյերմո՛։

Դոն Գիլյերմոն նորից ձեռքով արեց ձայնի ուղղությամբ ու քայլեց շարքերի միջով՝ գլուխը բարձր պահած, և հնարավոր չէր իմանալ, թե նա ինչ է զգում, եթե դեմքի գույնը չմատներ նրան։

Այդ պահին մի հարբած, կնոջ լացակումած ճիչի տնազն անելով, «Գիլյերմո՛» գոռաց։ Դոն Գիլյերմոն կույր֊կույր վրա քշեց, արցունքն իջնում էր այտերով, իսկ այդ մարդը շղթայով խփեց նրա երեսին, ու դոն Գիլյերմոն նստեց հարվածի ուժգնությունից, նստեց ու լացեց, բայց վախից չէր, որ լալիս էր։ Հարբածները խփում էին ու խփում, մեկը ցատկեց, նստեց ուսերին ու սկսեց շշով հարվածել։ Այդ տեսարանից հետո շատերը թողեցին ու դուրս եկան շարքերից, նրանց տեղը հարբածները բռնեցին, նրանք, որ մինչ այդ Ayuntamiento֊յի պատուհանների տակ բարբաջում ու կեղտոտ֊կեղտոտ դուրս էին տալիս։

Երբ Պաբլոն guardia civil֊ներին գնդակահարեց, ես շատ ծանր ապրումներ ունեցա։ Շատ ստոր բան էր, բայց այն ժամանակ ես մտածեցի, որ եթե պետք է, որ այսպես լինի, ուրեմն պետք է այսպես լինի, և, ի վերջո, այնտեղ դաժանություն չկար, միայն այն էր, որ մարդկանց կյանքն էր խլվում, բայց այս վերջին տարիներին մենք բոլորս էլ արդեն հասկացանք, որ չնայած դա ստոր բան է, բայց անհրաժեշտություն է, եթե ուզում ենք հաղթել ու պահպանել Հանրապետությունը։

Սկզբում, երբ հրապարակը փակեցին և շարքերը կազմեցին, ևս հիացած էի Պաբլոյի մտահղացումով և պատկերացնում էի, թե ինչ ֆանտաստիկական բան է լինելու, որ ամեն ինչ արվելու է ճաշակով և ոչ մի զզվանք առաջացնող բան չի լինի։ Եվ իսկապես, եթե ֆաշիստները պետք է մահապատժի ենթարկվեն, ապա ճիշտն այն կլիներ, որ բոլորն էլ մասնակցեին դրան, և ես ինքս էլ ուզում էի բոլորի նման մասնակցել դրան, որպեսզի իրավունք ունենայի հետագայում, երբ քաղաքը մերը դառնար, օգուտներից էլ բաժին վերցնելու։ Բայց դոն Գիլյերմոյից հետո ամոթ ու նողկանք զգացի, մանավանդ երբ հարբածներն ու խուժանները եկան֊լցվեցին շարքերը, իսկ մյուս մարդիկ որպես բողոքի նշան հեռացան։ Չուզեցի այլևս շարքերում մնալ, հեռացա, կտրեցի֊անցա հրապարակը և նստեցի նստարանին, մի մեծ ծառի ստվերի տակ։

Շարքերից դուրս եկած երկու գյուղացի զրուցելով անցնում էին կողքովս, մեկը դարձավ ինձ ու հարցրեց․

― Ի՞նչ է եղել, Պիլար։

― Ոչինչ, բարեկամս, ― ասացի։

― Մի բան եղել է, ― ասաց նա։ ― Խոսի՛ր, ի՞նչ ունես։

― Ինձ թվում է, որ կուշտ ու կռուշտ եմ այս ամենից, ― ասացի ես։

― Մենք էլ, ― միաբերան ասացին նրանք ու նստեցին նստարանին։ Մեկի ձեռքին գինու տիկ կար, երկարեց ինձ։

― Վերցրո՛ւ, ողողի՛ր բերանդ, ― ասաց, իսկ մյուսը, երևի, շարունակեց իրենց կիսատ խոսակցությունը։

― Ամենից վատն այն է, ― ասաց նա, ― որ այս բանը մեր գլխին դժբախտություն է բերելու։ Ես չեմ հավատում, որ այսպիսի բաները, ոնց որ դոն Գիլյերմոն այդ ձևով սպանելը, հենց այնպես կանցնի, ո՛չ, մեր գլխին դժբախտություն է գալու։

Հետո մյուսը խոսեց։

― Եթե անհրաժեշտ է բոլորին սպանելը, ― ասաց նա, ― թեև ես չեմ կարծում, որ անհրաժեշտ է, ապա թող պարզապես սպանեն, առանց ծաղրուծանակի։

― Ֆաուստինոյին որ ծաղրուծանակով սպանեցին, դեռ կարելի է արդարացնել, ― ասաց մյուսը, ― որովհետև նա միշտ էլ խեղկատակի մեկն էր, երբեք լուրջ մարդ չի եղել։ Բայց դոն Գիլյերմոյի պես լուրջ մարդուն ծաղրելը անարդար բան էր։

― Ես կուշտ ու կռուշտ եմ, ― ասացի և ճիշտ էի ասում, զգում էի, որ ներսս տակնուվրա է լինում, արտինքը տալիս է վրաս, սիրտս խառնում է, կարծես նեխած ձուկ կուլ տված լինեի։

― Վե՛րջ, ― ասաց գյուղացիներից մեկը, ― սրանից հետո էլ ոչ մի բանի չենք մասնակցի։ Հետաքրքիր է, տեսնես մյուս քաղաքներում ի՞նչ է լինում։

― Հեռախոսալարերը դեռ չեն վերանորոգել, ― ասացի։ ― Դա լավ չէ, պետք է մի բան անեն։

― Անպայման, ― ասաց նա։ ― Երևի ճիշտը քաղաքի պաշտպանությունը կազմակերպելն է, և ոչ թե մարդկանց կոտորելը, այն էլ այսպես դանդաղ ու դաժան ձևով։

― Ես գնամ Պաբլոյի հետ խոսեմ, ― ասացի ես ու վեր կացա նստարանից և կամարաշարի տակով գնացի դեպի Ayuntamiento֊յի դուռը։ Այդտեղից ձգվում էին շարքերը, բայց դրանք արդեն խառնվել էին, ինչքան հարբած կար, լցվել էր այդտեղ։ Հրապարակում երկու հարբած կռնակի վրա ընկել էին գետնին, ձեռքերին մի շիշ կար, մեկ մեկն էր շիշը գլխին քաշում, մեկ՝ մյուսը։ Մեկի վզին կարմիր ու սև թաշկինակ էր կապված։ Սա ամեն անգամ, որ մի կում էր անում, գոռում էր՝ «Viva la Anarguia»։[37] Մյուսը «Viva la Libertad»[38] էր գոռում ու ոտները վեր ու վար գցում, հետն էլ մի ձեռքով կարմիր ու սև թաշկինակն էր թափահարում, մյուսով՝ շիշը։

Մի գյուղացի, որը շարքերից հեռացել էր ու եկել կանգնել էր կամարաշարի ստվերին, զզվանքով նայեց նրանց ու ասաց․

― Ճիշտ կանեին, եթե «Կեցցե հարբեցողությունը» գոռային։ Սրանք միայն դրան են հավատում։

― Սրանք դրան էլ չեն հավատում, ― ասաց մի ուրիշ գյուղացի։ ― Սրանք ոչ մի բան չեն հասկանում և ոչ մի բանի չեն հավատում։

Ճիշտ այդ պահին հարբածներից մեկը ոտքի կանգնեց և երկու ձեռքերը գլխավերևում թափ տալով գոռաց․

― Կեցցե անարխիան, կեցցե ազատությունը, ես Հանրապետության կաթի մեջ։

Մյուս հարբածը, որը դեռ պառկած էր կռնակի վրա, բռնեց գոռգոռացողի կրնկից ու տապալեց, սկսեցին իրար հետ թավալ գալ գետնին, հետո նստեցին, տապալողը թևը գցեց գոռգոռացողի վզովը, շիշը երկարեց նրան, համբուրեց նրա վզի կարմիր ու սև թաշկինակը և սկսեցին փոխնիփոխ խմել շշից։

Այդ պահին գոռգոռոցներ լսվեցին շարքերից, կամարաշարից չէր երևում, թե ով է գալիս, որովհետև Ayuntamiento֊յի առջև այնպես էին խռնվել, որ դուրս եկողի դեմքը ծածկվել էր։ Միայն այնքան տեսա, որ Պաբլոն ու Cuatro Dedos֊ը մեկին առաջները գցած հրացաններով քշում էին։ Իսկ թե ո՞ւմ, չէր երևում, դրա համար էլ գնացի դռան կողմը, որտեղ շարքերն առաջ էին եկել ու խռնվել։

Հիմա արդեն միայն հրմշտոց էր, ֆաշիստների սրճարանի բոլոր սեղաններն ու աթոռները շուռ էին տրված, բացի մի սեղանից, որի վրա մի հարբած էր պառկած՝ գլուխը կախ ընկած և բերանը բաց։ Մի աթոռ վերցրեցի, հենվեցի կամարաշարի սյուներից մեկին ու բարձրացա վրան։ Հիմա ամբոխի գլխների վրայով ամեն ինչ տեսնում էի։

Պաբլոն ու Cuatro Dedos֊ը դոն Անաստասիո Ռիվասին էին քշում։ Մոլի ֆաշիստ էր, և մեր քաղաքի ամենաչաղ մարդն էր։ Հացահատիկի առևտուր էր անում, մի քանի ապահովագրական ընկերությունների գործակալ էր, բացի այդ վաշխով փող էր տալիս և մեծ տոկոսներ էր վերցնում։ Աթոռի վրա կանգնած ես տեսնում էի, թե ինչպես նա աստիճաններով իջավ ու գնաց դեպի շարքերը։ Վերնաշապկի օձիքի տակից չաղ վիզը դուրս էր պրծել, ճաղատ գլուխը փայլում էր արևի տակ։ Շարքերի միջով նա չանցավ։ Մի գոռոց բարձրացավ, առանձին գոռգոռոցներ չէին, ընդհանուր, միասնական գոռոց էր։ Այլանդակ աղմուկ էր, հարբած շարքերը ճչում էին, բոլորը գոռում էին, և բոլորը միասին խուժեցին դոն Անաստասիոյի վրա, նա գլուխն առավ ձեռքերի մեջ ու ընկավ գետին։ Ես նրան արդեն չէի տեսնում, որովհետև բոլորը թափվել էին վրան։ Երբ ետ քաշվեցին, դոն Անաստասիոն մեռած էր, գլուխը ջախջախել էին կամարաշարի հատակի սալերին խփելով։ Շարքեր այլևս չկային, խաժամուժ էր միայն։

― Ներս գնանք, ― սկսեցին գոռգոռալ։ ― Գնանք մենք դուրս բերենք դրանց։

― Շատ ծանր է, չեմ կարողանում քարշ տալ, ― ասաց մի մարդ դոն Անաստասիոյի դիակի համար։ ― Ի՞նչ անեմ, թող այստեղ էլ մնա։

― Պե՞տք է որ այդ թափանի տակառը մեկ էլ մինչև քարափ քարշ տանք։ Թող այստեղ էլ պառկի։

― Ներս գնանք ու հենց այնտեղ էլ վերջ տանք դրանց, ― գոռաց մեկը։ ― Գնացինք։ Գնացինք ներս։

― Ի՞նչ ենք ամբողջ օրն սպասում արևի տակ, ― բղավեց մեկ ուրիշը։ ― Վեր կացեք։ Գնանք ներս։

Խաժամուժն սկսեց շտապել դեպի կամարաշարը։ Ճչում էին, հրմշտում իրար, հիմա արդեն գազանի նման աղմկում էին ու գոռում անընդհատ․ «Բացե՛ք։ Դռները բացե՛ք»։ Երբ շարքերը խառնվել էին, Պաբլոն Ayuntamiento֊յի դռները ներսից փակել էր։

Աթոռին կանգնած ես նայում էի, թե ինչ է կատարվում Ayuntamiento֊յի ներսում։ Այնտեղ ամեն ինչ առաջվա նման էր։ Քահանան կանգնել էր, մյուսները կիսաշրջան կազմած նրա դիմաց ծնկաչոք աղոթում էին։ Պաբլոն նստել էր սեղանին, քաղաքապետի բազկաթոռի դեմուդեմը, ոտները կախվել էին սեղանից, հրացանը գցել էր թիկունքին, սիգարետ էր ծխում։ Cuatro Dedos֊ը նստել էր քաղաքապետի բազկաթոռին, ոտքը դրել էր սեղանին ու ծխում էր։ Պահակները հրացանները ձեռքներին նստել էին սենյակի տարբեր անկյուններում դրված աթոռների վրա։ Մուտքի դռան բանալին Պաբլոյի կողքին էր, սեղանի վրա։

Խաժամուժը մի հանգի գոռում էր, ոնց որ երգ ասեր՝ «Բացե՛ք։ Բացե՛ք։ Բացե՛ք»։ Իսկ Պաբլոն նստել էր իր համար, կարծես չէր էլ լսում։ Հետո քահանային մի բան ասաց, բայց խաժամուժի աղմուկից ոչինչ չլսեցի։

Քահանան էլի առաջվա նման ոչինչ չպատասխանեց ու շարունակեց իր աղոթքը։ Հրմշտում էին ինձ ամեն կողմից, ես էլ աթոռը ոտքիս հետ քարշ էի տալիս, բերին֊կպցրին պատին, տեսա պատուհանի առաջն եմ, կառչեցի ճաղերից։ Մեկ էլ մի հարբած թռավ֊կանգնեց աթոռի վրա, ձեռքերը թևերիս վրայով գցեց ու բռնեց լուսամուտի երկու կողքի ճաղերից։

― Ի՞նչ ես անում, աթոռը կջարդվի, ― ասացի։

― Ջարդվում է ջարդվի, ― ասաց։ ― Դու դրանց նայիր, դրանց։ Տես ոնց են աղոթում։

Շնչում են ուղիղ ծոծրակիս, վրայից նույն հոտն էր փչում, ինչ ամբողջ խաժամուժից՝ թթված գինու ու փսխուկի, հետո ձգվեց, ուսերիս վրայով բերանը մոտեցրեց ճաղերին ու սկսեց գոռգոռալ․ «Բացե՛ք․ բացե՛ք»։ Ինձ թվում էր, որ ամբողջ խաժամուժն է կանգնած թիկունքիս, կարծես երազում լինեի ու սատանան լիներ թիկունքիս։

Հիմա արդեն այնպես էին սեղմվել դռան դեմ, որ առջևում կանգնածները ճզմվում էին, այդ պահին սև շապիկով մի հսկա, հարբած, վզին կարմիր ու սև մի թաշկինակ կապած եկավ ու իրեն գցեց խռնված ամբոխի վրա ու ընկավ, հետո բարձրացավ ու նորից իրեն գցեց նրանց թիկունքին ու բացականչեց․ «Կեցցեմ ես, կեցցե անարխիան»։ Հայացքով հետևում էի նրան։ Դռան մոտից հեռացավ, գնաց նստեց հատակին, մի շիշ հանեց ու սկսեց խմել, մեկ էլ նկատեց դոն Անաստասիոյին, որը երեսնիվայր դեռ պառկած էր սալահատակին և բոլորը տրորելով անցնում֊դառնում էին վրայով։ Հարբածը վեր կացավ, մոտեցավ դոն Անաստասիոյին, կռացավ վրան ու սկսեց շշի օղին լցնել նրա գլխին, շորերին, հետո գրպանից լուցկու մի տուփ հանեց և վառեց, որպեսզի կրակ տա դիակը։ Մի քանի անգամ փորձեց, բայց լուցկիներն հանգում էին, որովհետև ուժեղ քամի էր բարձրացել։ Հարբած հսկան նստեց դոն Անաստասիոյի կողքին, գլուխը թափ տալով սկսեց խմել շշից և երբեմն֊երբեմն թփթփացնել մեռածի ուսերը։

Այդ ամբողջ ժամանակ խաժամուժը գոռում էր, որ դռները բացեն։ Իմ աթոռին կանգնած մարդը ամուր կառչել էր ճաղերից ու ոռնում էր ականջիս տակ, փչում վրաս։ Ես հայացքս շրջեցի դոն Անաստասիոյին կրակ տալ փորձող հարբածից ու նորից նայեցի, թե ինչ է կատարվում Ayuntamiento֊յում։ Ամեն ինչ նույնն էր։ Շարունակում էին աղոթել, բոլորը ծնկաչոք, շապիկների կոճակները քանդած, մի քանիսը գլուխները հակած, մյուսները՝ հայացքներն ուղղած վերև՝ քահանային, իսկ քահանան, արագ֊արագ, բայց ընգծված արտասանելով աղոթքի բառերը, նայում էր նրանց գլխի վրայով ինչ֊որ տեղ, Պաբլոն նստել էր սեղանին, աղոթողների թիկունքին, սիգարետը վառած, հրացանը ուսից կախ գցած, ճոճում էր ոտներն ու դռան բանալու հետ խաղում։

Քիչ անց Պաբլոն կռացավ և նորից ինչ֊որ բան ասաց քահանային, բայց գոռգոռոցի պատճառով ոչինչ չկարողացա լսել։ Քահանան չպատասխանեց նրան և շարունակեց աղոթքը։ Հետո կիսաշրջան կազմած աղոթողներից մեկը վեր կացավ, որ դուրս գա։ Դոն Խոսե Կաստրոն էր, որին բոլորը դոն Պեպե էին ասում, համոզված ֆաշիստ էր, ձիերի առևտրով էր զբաղվում։ Փոքրամարմին դոն Պեպեն թեև սափրված չէր ու հագին էլ զոլավոր շալվարի մեջ մտցրած պիժամա էր, կոկիկ տեսք ուներ։ Քահանան օրհնեց նրան, նա համբուրեց խաչը, նայեց Պաբլոյին ու գլխով ցույց տվեց դուռը։

Պաբլոն գլուխը թափ տվեց և շարունակեց ծխել։ Դոն Պեպեն ինչ֊որ բան ասաց Պաբլոյին, բայց ես չլսեցի։ Պաբլոն չպատասխանեց։ Նա պարզապես նայեց դռան կողմն ու գլուխը թափ տվեց։

Դոն Պեպեն աչքերը հառեց դռանը, ես հասկացա, որ նա չգիտեր, որ դուռը կողպված է։ Պաբլոն նրան ցույց տվեց բանալին, նա մի պահ ուշադիր նայեց դրան, հետո շրջվեց և գնաց նորից ծնկի եկավ։ Ես տեսա, որ հիմա էր քահանան զարմացած նայեց Պաբլոյին, իսկ Պաբլոն քմծիծաղեց ու ցույց տվեց բանալին, քահանան երևի հասկացավ արդեն, որ դուռը կողպված է և գլուխը թափ տվեց, ո՛չ, պարզապես գլուխը կախեց և շարունակեց աղոթել։

Չեմ հասկանում, թե այդ ինչպես էր եղել, որ նրանք չէին իմացել դռան կողպելը։ Մի՞թե այդքան տարված էին իրենց աղոթքով ու մտքերով։ Բայց երևի հիմա հասկացել էին, պետք է որ այդ գոռգոռոցներից հասկացած լինեին, որ արդեն ամեն ինչ փոխվել է։ Սակայն շարունակում էին մնալ ոնց որ առաջ։

Գոռգոռոցներն այնպես էին ուժեղացել, որ ոչինչ չէր լսվում, իմ աթոռին կանգնած հարբածն այնքան ցնցեց ճաղերն ու «բացեք, բացեք» բղավեց, որ ձայնը քաշվեց։

Պաբլոն նորից ինչ֊որ բան ասաց քահանային, քահանան դարձյալ չպատասխանեց։ Պաբլոն հրացանը ուսից ցած առավ և կոթով թփթփացրեց քահանայի ուսին։ Քահանան ուշադրություն չդարձրեց, Պաբլոն գլուխը թափ տվեց, հետո շրջվեց և ուսի վրայով ինչ֊որ բան ասաց Cuatro Dedos֊ին, սա էլ պահակներին, և բոլորը միասին գնացին ու հրացանները պահած կանգնեցին սենյակի հեռավոր անկյունում։

Պաբլոն Cuatre Dedos֊ին դարձյալ ինչ֊որ բան ասաց, և ես տեսա, որ նա երկու սեղան ու մի քանի նստարան քաշեց ու դրեց իրենց առաջը և սենյակի անկյունում պատնեշի նման մի բան սարքվեց։ Պաբլոն կռացավ այդ պատնեշի վրայով և հրացանով նորից թփթփացրեց քահանայի ուսին։ Քահանան այս անգամ էլ ուշադրություն չդարձրեց, բայց դոն Պեպեն նայեց Պաբլոյին։ Պաբլոն նրան գլխի շարժումով ցույց տվեց բանալին։ Դոն Պեպեն հասկացավ և գլուխը կախեց ու սկսեց արագ֊արագ աղոթել։

Պաբլոն ոտը բարձրացրեց, թռավ սեղանի վրայից, գնաց նստեց քաղաքապետի աթոռին և սկսեց սիգարետ փաթաթել։ Փաթաթում էր ու նայում ֆաշիստներին և քահանային, որոնք շարունակում էին աղոթել։ Նրա դեմքի արտահայտությունից հնարավոր չէր իմանալ, թե ինչ է մտածում։ Բանալին դրել էր դիմացը, սեղանին։ Երկաթե, մեծ բանալի էր, մոտ մեկ ոտնաչափ։ Պահակներին ինչ֊որ բան ասաց Պաբլոն, չկարողացա լսել, պահակներից մեկը գնաց դռան մոտ։ Ֆաշիստներն աղոթում էին, հիմա արդեն ավելի ու ավելի արագ։ Ես հասկացա, որ նրանց համար ամեն ինչ պարզ է դարձել։

Պաբլոն քահանային մի բան ասաց, բայց քահանան չպատասխանեց։ Պաբլոն ձգվեց, վերցրեց բանալին ու գցեց դռան մոտ կանգնած պահակին։ Պահակը օդում բռնեց բանալին, և Պաբլոն ժպտաց նրան։ Պահակը բանալին մտցրեց կողպեքի անցքի մեջ, պտտեցրեց, ետ քաշեց դուռն ու կանգնեց ետևը։ Ամբոխը ներս խուժեց։

Ներս խուժեցին, և այդ պահին իմ աթոռին կանգնած հարբածը գլուխը երկարեց ու սկսեց գոռալ․ «Տվե՛ք, տվե՛ք, տվե՛ք»։ Սպանե՛ք դրանց։ Սպանե՛ք։ Փետո՛վ, գլխների՛ն։ Սպանե՛ք»։ Հետո թևերով ինձ մի կողմ հրեց, և ես այլևս ոչինչ չէի կարողանում տեսնել։

Արմունկով խփեցի փորին ու ասացի․ «Հարբածի մեկը, սա ո՞ւմ աթոռն է։ Թող ես էլ տեսնեմ։

Բայց սա երկու ձեռքով բռնել էր ճաղերը, ցնցում էր ու գոռում․ «Սպանեք դրանց։ Փետով, փետով։ Այդպես։ Տվեք։ Սպանեք դրանց։ Cabrones: Cabrones: Cabrones»։

Նորից արմունկով ուժեղ խփեցի ու ասացի․ «Cabron: Հարբեցող։ Թող ես էլ տեսնեմ։

Մեկ էլ երկու ձեռքը դրեց գլխիս, ամբողջ ծանրությամբ ընկավ վրաս, որպեսզի ինձ հրի֊գցի ցած ու ավելի լավ տեսնի, և շարունակեց գոռալ․ «Տվե՛ք դրանց։ Այդպե՛ս։ Փետո՛վ»։

«Այ քեզ տվեք ասացի և ուժեղ խփեցի այն տեղին, որտեղի ցավից խեղճանում են, և խեղճացավ, ձեռները քաշեց գլխիս վրայից, բռնեց խփածս տեղն ու ասաց․ «No hay derecho, mujer: Իրավունք չունես այդպիսի բան անելու, կին»։ Իսկ ես ճաղերի արանքից ներս նայեցի։ Լիքը մարդ էր սրահում, ճոճում էին մահակները, խփում էին շղթաներով, հարվածներ էին, որ թափում էին, փայտե սպիտակ եղանները խրում էին ու հասներ, դրանք արդեն կարմրել էին, սուր ծայրերը ջարդոտվել էին, ամբողջ սրահում նույն բանն էր կատարվում, իսկ Պաբլոն նստել էր իր հսկայական բազկաթոռին, հրացանը դրել էր ծնկներին ու դիտում էր, և ամբոխը գոռում էր, խփում, խոցում, մորթում, հրդեհի բոցերի մեջ ընկած ձիերի նման վրնջում։ Տեսա քահանային, փեշերն հավաքած բարձրանում էր մի նստարանի վրա, իսկ նրանք մանգաղներով ընկել էին ետևից, մեկը բռնեց փեշից, մի ճիչ լսվեց, հետո էլի մի ճիչ, և ես տեսա, որ երկու հոգի ետևից մանգաղներով մորթոտում են նրան, երրորդը բռնել էր փարաջայի փեշից, իսկ քահանան ձեռքերը երկարել է և փորձում է դիմացի բազկաթոռի թիկնակից կառչել։ Այդ պահին ոտիս տակի աթոռը ջարդվեց, և ես ու կողքիս հարբածը ընկանք մայթին, որից գինու և փսխուկի հոտ էր փչում, իսկ հարբածը մատը թափ տալով վրաս ասում էր․ «No hay derecho, mujer, no Hay derecho: Դու կարող էիր ինձ հաշմանդամ դարձնել»։ Մարդիկ մեզ տրորելով գնում էին Ayuntamiento, ես տեսնում էի միայն դեպի դուռը շարժվող սրունքներ և դեմս նստած հարբածին, որը զույգ ձեռքերով բռնել էր խփծս տեղը։

Այդպես վերջացավ ֆաշիստների կոտորածը մեր քաղաքում, և ես ուրախ եմ, որ այդ հարբածի պատճառով այդքանը միայն տեսա։ Հարբածի արածը լավություն դուրս եկավ, որովհետև այն, ինչ կատարվեց Ayuntamiento֊յում, տեսնելու բան չէր։

Բայց այն մյուս հարբածը սրանից էլ այլանդակ էր։ Աթոռի ջարդվելուց հետո, երբ վեր կացանք, մարդիկ դեռ դեպի Ayuntamiento էին վազում, իսկ հրապարակում այն կարմիր ու սև վզկապով հարբածը նորից սկսել էր դոն Անաստասիոյի վրա ինչ֊որ բան լցնել։ Գլուխը մեկ այս, մեկ այն կողմ էր ընկնում, հազիվ էր կարողանում նստած մնալ, բայց էլի շարունակում էր օղին լցնել ու լուցկիները վառել, լցնել ու լուցկիները վառել։ Մոտեցա դրան ու ասացի․

― Ի՞նչ ես անում, անամո՛թ։

― Nada, mujer, nada, ― ասաց։ ― Ինձ մենակ թող։ Այդ պահին, չգիտեմ ոնց եղավ, գուցե ես էի պատճառը, որ քամու դեմը կտրել էի, լուցկին չհանգավ։ Դոն Անաստասիոյի շապիկը բռնկվեց, կապույտ բոցը ուսի տակից և թիկունքով բարձրացավ դեպի վիզը։ Հարբածը գլուխը բարձրացրեց ու ամեհի ձայնով գոռաց․ «Մեռածներին վառում են։ Մեռածներին վառում են»։

― Ո՞վ, ― ասաց մեկը։

― Որտե՞ղ, ― բացականչեց մեկ ուրիշը։

― Այստեղ, ― բառաչեց հարբածը։ ― Հենց այստեղ։ Ինչ֊որ մեկը շղթան բարձրացրեց և հարվածեց ուղիղ հարբածի գլխին։ Սա ընկավ կռնակի վրա, նայեց խփողին, հետո փակեց աչքերը, ձեռքերը խաչեց կրծքի վրա և պառկեց դոն Անաստասիոյի կողքին, կարծես քուն մտած լիներ։ Այդպես էլ մինչև իրիկուն պառկած մնաց այդտեղ։ Երեկոյան, երբ սկսեցին Ayuntamiento֊ն մաքրել, դոն Անաստասիոյին էլ դրեցին սայլակի վրա ու մյուսների հետ տարան քարափից ցած գցեցին։ Քաղաքի համար շատ ավելի օգտակար կլիներ, եթե այդ հարբեցողներից մի քասն֊երեսուն հոգու, հատկապես այդ կարմիր ու սև վզկապավորներին, անդունդը գցեին։ Եթե մեկ էլ հեղափոխություն լինի, ես կարծում եմ, որ դրանց առաջին իսկ օրը պետք է ոչնչացնել։ Բայց այն ժամանակ մենք այդ բանը չգիտեինք։ Հետագայում էինք իմանալու։

Այդ գիշեր մենք չգիտենք, թե դեռ ինչեր են լինելու։ Ayuntamiento֊յի կոտորածից հետո էլ ոչ մեկին չսպանեցին, բայց միտինգն էլ չկայացավ, որովհետև հարբածները չափից դուրս շատ էին։ Հնարավոր չէր կարգուկանոն հաստատել, միտինգը հետաձգեցինք հաջորդ օրվան։

Այդ գիշեր Պաբլոյի հետ քնեցի։ Ես սա քեզ պետք չէ որ ասեի, guapa, բայց մյուս կողմից էլ լավ է, որ դու ամեն ինչ իմանաս, և, վերջապես, ինչ որ ասում եմ, ճշմարտություն է։ Այս մեկը լավ լսիր, Ingles: Սա շատ հետաքրքիր է։

Այդպես, ուրեմն, այդ իրիկուն նստած ընթրում էինք, և շատ հետաքրքիր վիճակ էր։ Այնպես էր, ոնց որ փոթորկից, հեղեղից կամ կռվից հետո։ Բոլորը հոգնած էին, ոչ մեկը չէր ուզում խոսել։ Ես էլ լավ չէի, կարծես դատարկված լինեի, ամոթ էի զգում, թվում էր, թե սխալ եմ գործել, ճնշվում էի, այնպիսի զգացողություն ունեի, որ ահա, ուր որ է, աղետը վրա է հասնելու։ Այս առավոտ էլ, երբ ինքնաթիռներն անցան, նույն բանն զգացի։ Եվ, իրոք, երեք օրից հետո աղետը վրա հասավ։

Պաբլոն ընթրելիս շատ քիչ խոսեց։

― Դուր եկա՞վ քեզ, Պիլար, ― հարցրեց վերջապես ուլի տապակած միսը ծամելով։ Ընթրում էինք ավտոբուսների վերջին կանգառի մոտ գտնվող պանդոկում, սենյակը լեփ֊լեցուն էր, մարդիկ երգում էին, մատուցողները դժվարությամբ էին գլուխ հանում։

― Ո՛չ, ― ասացի։ ― Եթե դոն Ֆաուստինոյին մի կողմ դնենք, մնացածը դուր չեկավ։

― Ինձ դուր եկավ, ― ասաց նա։

― Ամեն ի՞նչ։

― Ամեն ինչ, ― ասաց ու հացի մի մեծ կտոր կտրեց դանակով և սկսեց սրբել սոուսը։ ― Ամեն ինչ, բացի քահանայից։

― Ո՞նց թե, քահանայի հետ արածները քեզ դուր չեկա՞ն։ ― Ախր ես գիտեի, որ նա քահանաներին ավելի շատ է ատում, քան ֆաշիստներին։

― Հիասթափեցրեց ինձ այդ քահանան, ― տխուր ասաց Պաբլոն։

Մեր շուրջն այնքան բարձր էին երգում, որ մենք համարյա գոռում էինք իրար լսելու համար։

― Ինչո՞ւ։

― Շատ վատ մեռավ, ― ասաց Պաբլոն։ ― Արժանապատվությունը չպահպանեց։

― Ո՞նց էր արժանապատվությունը պահպանելու, երբ խաժամուժն ընկել էր ետևից, ― ասացի ես։ ― Բայց կարծեմ մինչև այդ պահը նա մեծ արժանապատվությամբ էր իրեն պահում։ Դրանից ավելի արժանապատվությամբ առհասարակ դժվար է ասել, թե որևէ մեկը կկարողանար իրեն պահել։

― Ճիշտ ես, ― ասաց Պաբլոն։ ― Բայց վերջին րոպեին վախեցավ։

― Իսկ ո՞վ չէր վախենա, ― ասացի ես։ ― Տեսա՞, թե ինչերով էին ընկել ետևից։

― Ինչո՞ւ չտեսա, ― ասաց Պաբլոն։ ― Բայց դարձյալ ասում եմ՝ վատ մեռավ։

― Այդպիսի հանգամանքներում ով էլ լինի, վատ կմեռնի, ― ասացի ես։ ― Դուր չի եկել։ Փո՞ղ էիր տվել, որ դժգոհում ես։ Դե իմացի՛ր, այն, ինչ կատարվեց Ayuntamiento֊յում, նողկալի էր։

― Այո, ― ասաց Պաբլոն։ ― Անկարգություններ եղան։ Բայց նա քահանա էր։ Նա պետք է օրինակ ծառայեր։

― Իսկ ինձ թվում էր, թե դու ատում ես քահանաներին։

― Այո, ատում եմ, ― ասաց Պաբլոն և մի կտոր էլ հաց կտրեց։ ― Բայց նա իսպանացի քահանա էր։ Իսպանացի քահանան պետք է լավ մեռնի։

― Ես կարծում եմ, որ բավական լավ մեռավ, ― ասացի ես։ ― Այն վիճակում, որ նա էր գտնվում, ինչ ձևականությունների մասին է խոսքը։

― Ո՛չ, ― ասաց Պաբլոն։ ― Նա ինձ շատ հիասթափեցրեց։ Ես ամբողջ օրը քահանայի մահվանն էի սպասել։ Ես մտածում էի, որ բոլորից հետո նա է անցնելու շարքերի միջով։ Ինչպիսի անհամբերությամբ էի սպասում այդ տեսարանին։ Ո՜նց էի պատկերացնում։ Ախր ես երբեք չէի տեսել, թե ինչպես է մեռնում քահանան։

― Ժամանակ շատ կա, ― ասացի չարախնդալով։ ― Պատերազմի առաջին օրն էր դա։

― Ո՛չ, ― ասաց նա։ ― Հիասթափվեցի։

― Երևի, ― ասացի ես, ― սրանից հետո այլևս աստծուն չես հավատա։

― Չես հասկանում դու, Պիլար, ― ասաց Պաբլոն։ ― Ախր նա իսպանացի քահանա էր։

― Ի՞նչ մի ժողովուրդ են որ իսպանացիները, ― ասացի ես։ Ի՜նչ մի հպարտանալու ժողովուրդ են, հը՞, Ingles: Ի՞նչ ժողովուրդ են։

― Պետք է վեր կենանք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Նայեց արևին։ ― Շուտով կեսօր է։

― Այո՛, ― ասաց Պիլարը։ ― Հիմա կգնանք։ Բայց մի բան էլ պատմեմ Պաբլոյի մասին։ Այդ գիշեր նա ասաց․

― Պիլա՛ր, արի այս գիշեր ոչ մի բան չանենք։

― Լավ, ― ասացի։ ― Իմ էլ սրտով է։

― Ինձ թվում է, որ այսքան մարդ սպանելուց հետո անպարկեշտ բան կլինի։

― Que va, ― ասացի։ ― Ի՜նչ սուրբն ես։ Կարծում ես իզո՞ւր եմ այդքան տարի ցլամարտիկների հետ ապրել, կարծում ես չգիտե՞մ, թե նրանք corrida֊յից հետո ինչ վիճակում են լինում։

― Ճի՞շտ ես ասում, Պիլար, ― հարցրեց նա։

― Երբևէ ստե՞լ եմ քեզ, ― ասացի։

― Ճիշտ ես, Պիլար, ես այս գիշեր բոլորովին տղամարդ չեմ։ Մի՛ մեղադրիր։

― Չէ, hombre, չեմ մեղադրում, ― ասացի նրան։ ― Բայց, Պաբլո՛, ամեն օր մարդ սպանելու կարիք չկա։

Նա այդ գիշեր քնեց մանկան քնով, շատ ուշ արթնացրեցի նրան, երբ արդեն լավ լուսացել էր, իսկ ես չկարողացա քնել, վեր կացա, նստեցի բազկաթոռին ու պատուհանից դուրս նայեցի։ Լուսնի լույսի տակ ես տեսնում էի, փայլփլող ծառերը և նրանց մութ ստվերները գետնի վրա, նստարանները, հատակին ընկած շշերի շողշողացող կտորտանքները, իսկ ավելի հեռվում՝ քարափը, որտեղից բոլորին ցած էին գցել։ Ոչ մի ձայն չէր լսվում, բացի շատրվանի ջրի գլգլոցից։ Ես նստել էի այդտեղ ու մտածում էի, որ վատ ենք սկսել։

Պատուհանը բաց էր, հրապարակի վերևի կողմից՝ Ֆոնդայից, կանացի լացի ձայն լսեցի։ Դուրս եկա պատշգամբ, բոբիկ ոտներով կանգնեցի երկաթյա հատակին, հրապարակի բոլոր շենքերի ճակատները լուսավորված էին լուսնի լույսով, ձայնը գալիս էր դոն Գիլյելմոյի տան պատշգամբից։ Կինն էր, ծնկի էր եկել պատշգամբի հատակին ու լալիս էր։

Վերադարձա սենյակ, նստեցի և փորձեցի ազատվել մտքերից։ Դա իմ կյանքի ամենավատ օրն էր։ Հետագայում մի ուրիշն էլ եղավ։

― Իսկ դա ե՞րբ եղավ, ― հարցրեց Մարիան։

― Երեք օր հետո, երբ ֆաշիստները գրավեցին քաղաքը։

― Մի՛ պատմիր դրա մասին, ― ասաց Մարիան։ ― Չեմ ուզում լսել։ Այս մեկը բավական է։ Այս մեկն էլ արդեն չափից շատ էր։

― Ասացի, չէ՞, կարիք չկար, որ դու լսեիր, ― ասաց Պիլարը։ ― Տեսնո՞ւմ ես, ես չէի ուզում, որ դու լսես։ Հիմա վատ երազներ ես տեսնելու։

― Ոչ, չեմ տեսնի, ― ասաց Մարիան։ ― Բայց այլևս չեմ ուզում լսել։

― Ես ուզում եմ, որ ինձ պատմես, հետո, երբ ժամանակ լինի, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Կպատմեմ, ― ասաց Պիլարը։ ― Բայց Մարիային պետք չէ։

― Չեմ ուզում լսել, ― աղիողորմ ձայնով ասաց Մարիան։ ― Խնդրում եմ, Պիլար։ Եթե ես ներկա լինեմ, մի՛ պատմիր, որովհետև կլսեմ, կլսեմ հակառակ իմ կամքին։

Աղջկա շրթունքները դողդողում էին, և Ռոբերտ Ջորդանին թվաց, թե նա լաց է լինելու։

― Խնդրում եմ, Պիլար, մի՛ պատմիր։

― Մի՛ անհանգստանա, խուզած աղջիկ, ― ասաց Պիլարը։ ― Մի՛ անհանգստանա։ Կպատմեմ Ingles֊ին, երբ որ առիթ լինի։

― Բայց ես ուզում եմ միշտ նրա կողքին լինել, ― ասաց Մարիան։ ― Պիլար, մի՛ պատմիր, երբե՛ք չպատմես։

― Երբ դու գործ անելիս կլինես, այն ժամանակ էլ կպատմեմ։

― Ո՛չ։ Ո՛չ։ Խնդրում եմ։ Եկեք դրա մասին երբեք չխոսենք, ― ասաց Մարիան։

― Քանի որ մեր արածները պատմեցի, նրանցն էլ պիտի պատմեմ, թե չէ անարդար բան կլինի, ― ասաց Պիլարը։ ― Բայց դու չես լսի։ Երբե՛ք։

― Ի՞նչ է, ոչ մի հաճելի բան չկա՞, որ խոսենք, ― ասաց Մարիան։ ― Միշտ սարսափների՞ց ենք խոսելու։

― Այսօր կեսօրից հետո դու և Ingles֊ը, երկուսով, կարող եք խոսել ինչ ցանկանաք։

― Ուրեմն թող այդ կեսօրից հետոն շուտ գա, ― ասաց Մարիան։ ― Թող թևեր առնի գա։

― Կգա, ― ասաց Պիլարը։ ― Թևեր կառնի կթռչի֊կգա, նույն ձևով էլ կգնա, վաղվա օրն էլ կթռչի, վաղվա օրն էլ։

― Այս կեսօրից հետո, ― ասաց Մարիան։ ― Այս կեսօրից հետո։ Թող շուտ գա այս կեսօրից հետոն։


Գլուխ տասնմեկերորդ

Սարահարթից իջան անտառապատ մի հովիտ, քայլեցին գետակի երկայնքով ձգվող արահետով, հետո թեքվեցին, բարձրացան զառիթափ լանջն ի վեր և դուրս եկան մի ապառաժոտ բարձունքի գագաթը։ Կարաբինը ձեռքին մի մարդ ծառի ետևից ելավ ու կանգնեց նրանց դիմացը։

― Կանգնեք, ― ասաց նա։ ― Hola, Պիլար։ Այդ ո՞վ է հետդ։

― Ingles֊ն է, ― ասաց Պիլարը։ ― Բայց անունը քրիստոնյայի է՝ Ռոբերտո։ Այս ինչ զզվելի զառիթափ է։

― Salud camarada, ― ասաց ժամապահը Ռոբերտ Ջորդանին և մեկնեց ձեռքը։ ― Լա՞վ ես։

― Այո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Իսկ դո՞ւ։

― Նույնպես, ― ասաց ժամապահը։ Փխրուն, նիհար, արծվաքիթ, ցցուն այտերով ու մոխրագույն աչքերով մի պատանի էր։ Գլխաբաց էր, մազերը սև էին ու գզգզված, ձեռքի ամուր սեղմումի մեջ սրտալի մի բան կար, նույնը և աչքերի մեջ։

― Ողջույն, Մարիա, ― ասաց աղջկան։ ― Չե՞ս հոգնել։

― Que va, Խոակին, ― ասաց աղջիկը։ ― Ճանապարհին այնքան ենք նստել ու զրուցել։ Ավելի շատ նստել ենք, քան քայլել։

― Դինամիտավո՞րն ես, ― հարցրեց Խոակինը։ ― Լսել էինք, որ եկել ես։

― Գիշերը Պաբլոյի մոտ էինք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Այո, դինամիտավորն եմ։

― Ուրախ ենք, որ եկել ես, ― ասաց Խոակինը։ ― Գնա՞ցք է լինելու։

― Վերջին գնացքին դո՞ւ էլ ես մասնակցել, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը և ժպտաց։

― Ոնց չէ։ Սրան այնտեղից ճարեցինք, ― ասաց Խոակինն ու աչքով արեց Մարիային։ ― Հիմա արդեն գեղեցկուհի ես, ― ասաց աղջկան։ ― Ասե՞լ են, որ գեղեցիկ ես։

― Շնորհակալ եմ, Խոակին, բայց ավելի լավ է լռես, ― ասաց Մարիան։ ― Լավ էլ գեղեցիկ կլինես այսպիսի խուզած գլխով։

― Շալակած տարել եմ քեզ, ― ասաց Խոակինը աղջկան։ ― Ո՜նց եմ ուսերիս առած տարել։

― Ոնց որ շատ֊շատերը, ― ասաց Պիլարը ցածրաձայն։ ― Ո՞վ չի շալակել նրան։ Ծերուկը որտե՞ղ է։

― Ճամբարում։

― Երեկ գիշեր որտե՞ղ էր։

― Սեգովիայում։

― Նորություններ կա՞ն։

― Այո, ― ասաց Խոակինը։ ― Կան։

― Լավ թե՞ վատ։

― Կարծեմ վատ։

― Ինքնաթիռները տեսա՞ր։

― Օ՜, ― ասաց Խոակինն ու տարուբերեց գլուխը։ ― Դրանց անունը մի՛ տուր։ Ընկեր դինամիտավոր, դրանք ի՞նչ ինքնաթիռներ էին։

― Ռմբակոծիչները «Հայնքել 1-11» էին, կործանիչները՝ «Ֆիատ» և «Հայնքել», ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Այն մեծ, ցած թևերով ինքնաթիռներն ի՞նչ էին։

― «Հայնքել 1-11»։

― Ինչ անուն էլ ունենան, միևնույն է, վատ է, ― ասաց Խոակինը։ ― Բայց ես ձեզ ուշացնում եմ։ Գնանք, տանեմ հրամանատարի մոտ։

― Հրամանատա՞ր, ― հարցրեց Պիլարը։

― Խոակինը գլխի շարժումով հաստատեց։

― Ինձ դա ավելի է դուր գալիս, քան «առաջնորդը», ― ասաց նա։ ― Ավելի ռազմական է։

― Դու լրիվ ռազմականանում ես, ― ասաց Պիլարն ու ծիծաղեց։

― Չէ, ― ասաց Խոակինը։ ― Բայց ռազմական տերմիններն ինձ դուր են գալիս, որովհետև հրամանները ավելի հստակ են տրվում, և կարգապահության համար դա լավ է։

― Քո ճաշակի մարդ հայտնվեց, Ingles, ― ասաց Պիլարը։ ― Սա շատ լուրջ տղա է։

― Շալակե՞մ, ― ասաց Խոակինն աղջկան և ձեռքը դրեց նրա ուսին ու ժպտաց։աա

― Ինչքան շալակել ես, բավական է, ― ասաց աղջիկը։ ― Դրա համար էլ եմ շնորհակալ։

― Իսկ դու հիշո՞ւմ ես, ― հարցրեց Խոակինը աղջկան։

― Հիշում եմ, որ ինձ շալակած տանում էին, ― ասաց Մարիան։ ― Քո շալակելը չեմ հիշում։ Գնչուին հիշում եմ, որովհետև մի քանի անգամ գցեց։ Բայց շնորհակալ եմ քեզանից, Խոակին, մի օր էլ ես կշալակեմ քեզ։

― Իսկ ես բավական լավ եմ հիշում, ― ասաց Խոակինը։ ― Հիշում եմ, որ բռնել էի երկու սրունքներդ, փորի վրա ընկել էիր ուսիս, գլուխդ կպել էր մեջքիս, ձեռքերդ կախվել էին ցած։

― Լավ հիշողություն ունես, ― ասաց Մարիան ու ժպտաց։ ― Ես ոչինչ չեմ հիշում։ Ո՛չ թևերդ, ո՛չ ուսերդ, ո՛չ էլ մեջքդ։

― Ուզո՞ւմ ես մի բան ասեմ, ― հարցրեց Խոակինը աղջկան։

― Ի՞նչ։

― Ես ուրախ էի, որ դու մեջքիս վրա կախ էիր ընկել, երբ կրակում էին իմ ետևից։

― Ա՛յ քեզ խոզ, ― ասաց Մարիան։ ― Դրա համար է, հա՞, գնչուն ինձ այդքան շատ շալակել։

― Դրա համար, մեկ էլ սրունքներիդ։

― Հերոսներս, ― ասաց Մարիան։ ― Սա էլ իմ փրկարարները։

― Լսի՛ր, guapa, ― ասաց Պիլարը աղջկան։ ― Այս տղան քեզ շատ է շալակել։ Իսկ քո սրունքներն այն ժամանակ ոչ մեկի էլ միտքը չէին։ Այն ժամանակ բոլորի գլխում միայն կրակոցների ձայնն էր։ Եվ ինչքան շուտ քեզ ցած գցեր, այնքան շուտ կպրծացներ գլուխը գնդակներից։

― Ես շնորհակալ եմ իրենից, արդեն ասացի։ Մի օր էլ ես կշալակեմ իրեն, ― ասաց Մարիան։ ― Թո՛ղ կատակենք, Պիլար։ Լա՞ց լինեմ հիմա, որ ինձ շալակել է։

― Ես այն ժամանակ ցած կգցեի, ― շարունակեց ձեռ առնել Խոակինը աղջկան, ― բայց վախեցա՝ Պիլարը գնդակահարի ինձ։

― Ես ոչ ոքի չեմ գնդակահարել, ― ասաց Պիլարը։

― No hace falta, ― ասաց Խոակինը։ ― Դու դրա կարիքը չունես։ Դու լեզվով կարող ես սպանել։

― Դու այդ ո՞նց ես խոսում, ― ասաց Պիլարը։ ― Կարգին քաղաքավարի մանչուկ էիր։ Պատերազմից առաջ ի՞նչ էիր անում, մանչո՛ւկ։

― Շատ փոքր էի, ի՞նչ պիտի անեի, ― ասաց Խոակինը։ ― Տասնվեց տարեկան։

― Բայց ինչ, ճիշտը։

― Երբեմն֊երբեմն մի զույգ կոշիկ։

― Սարքո՞ւմ էիր։

― Ոչ։ Փայլեցնում։

― Que va, ― ասաց Պիլարը։ ― Բայց դրանից բացի էլի ինչ֊որ բան արած կլինես։ ― Նա նայեց տղայի թուխ դեմքին, փխրուն մարմնին, մազերի դեզին և արագ քայլքին․ նա նախ կրունկն էր դնում հատակին, հետո ոտի մատները։ ― Իսկ ինչպե՞ս եղավ, որ ձախողվեցիր։

― Ի՞նչ ձախողվել։

― Ի՞նչ։ Դու գիտես թե ինչ։ Հիմա էլ ես խոպոպներ պահում։

― Երևի վախն էր պատճառը, ― ասաց տղան։

― Մարմինդ հիանալի է, ― ասաց Պիլարը։ ― Դեմքդ այնքան էլ չէ։ Ուրեմն ասում ես վախն էր, հա՞։ Բայց գնացքի ժամանակ լավ էիր, ոնց որ պետք էր։

― Հիմա արդեն չեմ վախենում, ― ասաց տղան։ ― Բոլորովին։ Այնքան սարսափելի ու վտանգավոր բաներ տեսանք, որ ցուլն ի՞նչ։ Պարզ բան է, ոչ մի ցուլ էլ գնդացրից վտանգավոր չէ, բայց էլի հաստատ չեմ կարող ասել՝ ծնկներս տակիս չե՞ն ծալվի, եթե հիմա հրապարակում մեն֊մենակ մնաց ցուլի հետ։

― Ցլամարտիկ է ուզեցել դառնալ, ― բացատրեց Պիլարը Ռոբերտ Ջորդանին, ― բայց վախեցել է։

― Դու ցլամարտ սիրո՞ւմ ես, ընկեր դինամիտավոր, ― հարցրեց Խոակինը և ժպտաց՝ ցույց տալով սպիտակ ատամները։

― Շատ եմ սիրում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Շա՜տ շատ։

― Վալլադոլիդում տեսե՞լ ես, ― հարցրեց Խոակինը։

― Այո՛։ Սեպտեմբերին, տոնավաճառի ժամանակ։

― Իմ քաղաքն է, ― ասաց Խոակինը։ ― Ի՜նչ հիանալի քաղաք է, բայց այդ քաղաքի buena gente ― լավ մարդիկ ինչպիսի՜ տառապանքներ կրեցին այս պատերազմի օրերին։ ― Նրա դեմքը մռայլվեց։ ― Նրանք հորս գնդակահարեցին։ Եվ մորս։ Եվ փեսայիս, հիմա էլ քրոջս։

― Բարբարոսնե՛ր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

Քանի֊քանի անգամ է արդեն նման պատմություններ լսում։ Քանի֊քանի անգամ է արդեն նկատում, թե ինչպիսի դժվարությամբ են մարդիկ այդ մասին խոսում, ինչպես են նրանց աչքերը լցվում, կոկորդները սեղմվում, երբ ասում են հայրս, եղբայրս, մայրս, քույրս։ Մարդիկ մեծ մասամբ այդպես են հիշել իրենց սպանված հարազատներին, մոտավորապես ոնց որ հիմա այս տղան, հանկարծակի, իրենց քաղաքը հիշելիս, խոսել են նաև այդ մասին, և ինքն էլ միշտ նույն բանն է կրկնել՝ «Բարբարոսներ»։

Հարազատների կորուստի մասին դու միայն հայտարարություններ ես լսել։ Դու չես տեսել հոր մահը, այնպես, ինչպես ֆաշիստների մեռնելը տեսար այսօր, երբ գետակի ափին Պիլարը այդ պատմություններն էր անում։ Իմացել ես, որ հորը սպանել են ինչ֊որ բակում, ինչ֊որ պատի տակ, կամ էլ հանդում, բանջարանոցում, գիշերը՝ ավտոմեքենաների ցոլարձակների լույսի տակ, ճանապարհի եզրին։ Բլուրների հեռվից տեսել ես ավտոմեքենաների լույսերը, լսել ես համազարկերի ձայները, հետո իջել ես ու ճանապարհի եզրին գտել ես դիակները։ Դու չես տեսել, թե ինչպես են սպանել մորը, ոչ էլ քրոջը, ոչ էլ եղբորը։ Այդ մասին միայն լսել ես։ Լսել ես կրակոցները, տեսել ես դիակները։

Պիլարն իր քաղաքի դեպքերը պատմելիս տեսնել տվեց դա։

Եթե այդ կինը գրել կարողանա՜ր։ Ինքը կփորձի գրել, եթե բախտ վիճակվի ու կարողանա հիշել և գրի առնել այնպես, ինչպես պատմեց նա։ Աստված իմ, այդ ո՜նց էր պատմում։ Քևեդոյից լավ, մտածեց նա։ Ինչ֊որ դոն Ֆաուստինոյի մահը Քևեդոն այնպես չէր պատկերի, ինչպես այդ կինն արեց։ Եթե ես այդ պատմությունը կարողանայի՜ լավ գրել, մտածեց նա։ Այն, ինչ մենք ենք արել։ Ոչ թե այն, ինչ մեզ են արել։ Դա բավական լավ գիտեր։ Թշնամու թիկունքում այդ մասին շատ բան էր իմացել։ Բայց որպեսզի մարդկանց ճանաչես, պետք է իմանաս, թե առաջ ինչ են եղել նրանք։ Պետք է իմանաս, թե իրենց գյուղերում ինչ են եղել։

Մեր գործն այնպիսին է, որ անընդհատ շարժման մեջ ենք եղել․ եկել ենք, մեր անելիքն արել ու պատժից խուսափելու համար թողել արագ հեռացել, երբեք չենք տեսել, թե ինչ վախճան են ունեցել մեր սկսած գործերը, մտածեց նա։ Դու եկել ես ու պատսպարվել ես մի գյուղացու հարկի տակ։ Եկել ես գիշերով, ընթրել ես նրանց հետ։ Ցերեկը թաքնվել ես, մութն ընկել է՝ գնացել ես։ Գործդ արել ես ու հեռացել։ Հաջորդ անգամ եկել ես ու իմացել, որ այդ մարդկանց գնդակահարել են։ Այդպես պարզ ու հասարակ։

Բայց այդ գնդակահարությունները եղել են միշտ քո բացակայությամբ։ Պարտիզանները պայթեցրել են, քանդել են ու հեռացել։ Գյուղացիները մնացել են ու պատիժը կրել։ Ես առաջ էլ գիտեի, թե պատերազմի առաջին օրերին ինչեր ենք մենք նրանց արել, մտածեց նա։ Իմացել եմ ու ատել եմ այդ ամենը, տեսել եմ նաև, թե ինչպես են ոմանք անամոթաբար պարծեցել, հպարտացել, ուրիշներ ամաչելով փորձել են արդարացնել, բացատրել, հերքել։ Բայց այդ նզովյալ կինը այնպես նկարագրեց, որ տեսնում էի, կարծես այնտեղ լինեի։

Դե ինչ, մտածեց նա, դա էլ է հարկավոր համակողմանի կրթության համար։ Երբ այս ամենն ավարտվի, կտեսնես, որ բավական լավ կրթություն ես ստացել։ Եթե լսել իմանաս, այս պատերազմի ընթացքում շատ բան կսովորես։ Անշուշտ հիմա էլ արդեն դու շատ բան գիտես։ Բախտդ բերել է, որ պատերազմից առաջ շուրջ մի տասնամյակ ամեն տարի մի որոշ շրջան ապրել ես Իսպանիայում։ Քեզ վստահել են հիմնականում լեզվի պատճառով։ Վստահել են, որովհետև կատարելապես հասկանում ես ամեն ինչ, տիրապետում ես խոսակցական լեզվին և ծանոթ ես երկրի տարբեր շրջաններին։ Թեև, վերջին հաշվով, իսպանացին միայն իր գյուղին է իրոք հավատարիմ, բայց կա մի կարգ, որ նա երբեք անտես չի առնում, այն է՝ նախ Իսպանիան, հետո իր ցեղակիցները, հետո իր գավառը, հետո իր գյուղը, իր ընտանիքը, վերջապես, իր արհեստը։ Եթե իսպաներեն գիտես, իմացիր, որ քո նկատմամբ նա արդեն լավ է տրամադրված, եթե բացի այդ, եղել ես նաև գավառում, առավել ևս, իսկ եթե գյուղն ու արահետն էլ են քեզ ծանոթ, ուրեմն դու այնքան յուրային ես, ինչքան կարող է լինել օտարերկրացին։ Քեզ համար իսպաներենը երբեք օտար լեզու չի եղել, մտածում էր Ռոբերտ Ջորդանը, դրա համար էլ, մեծ մասամբ, նրանք քեզ հետ որպես օտարականի չեն վերաբերվել։ Եղել են դեպքեր, երբ շուռ են եկել քո դեմ։ Անշուշտ եղել են։ Հաճախ են եղել, բայց ում դեմ էլ ասես կարող են նրանք շուռ գալ։ Իրենք իրենց դեմ էլ են շուռ գալիս։

Լավ չէր այս ձևով մտածելը։ Բայց ո՞վ էր նրա մտքերն ստուգում։ Ինքը և միայն ինքը։ Չէր կարծում, որ այդ մտքերը կարող են իրեն բերել հասցնել պարտվողականության։ Մենք պատերազմը պետք է շահենք, գլխավորը սա է։ Եթե մենք պատերազմը չշահենք, ամեն ինչ կորած է։ Բայց նա ամեն ինչ նշում էր, ամեն ինչ լսում և հիշողության մեջ պահում։ Նա զինվոր էր, և պետք է հավատարմությամբ ծառայեր ու լիովին կատարեր իր պարտքը։ Բայց ոչ ոք չի կարող արգելել իրեն, որ իր սեփական մտքերն ունենա, չի կարող զրկել տեսնելու և լսելու ընդունակությունից, իսկ ինչ վերաբերում է դատողություններին ու եզրակացություններին, դա արդեն հետագայի գործ է։ Դատողությունների ու եզրակացությունների համար նյութ շատ կա։ Երբեմն նույնիսկ թվում է, թե չափից շատ կա։

Նայիր թեկուզ այդ կնոջը՝ Պիլարին, մտածեց նա։ Ինչ ուզում է լինի, եթե ժամանակ եղավ, այդ պատմության շարունակությունը պատմել եմ տալու նրան։ Նայիր, թե ոնց է քայլում, այդ երկու մանկիկների հետ։ Դրանցից ավելի չքնաղատես երեք ծնունդ չես գտնի ողջ Իսպանիայում։ Կինը կարծես սար լինի, իսկ աղջիկն ու տղան՝ դալար ծառեր։ Ծերացած բոլոր ծառերը տապալվել են, իսկ երիտասարդներն աճում են՝ այսպես առողջ։ Ի հեճուկս այն ամենի, ինչ պատահել է նրանց, հիմա երկուսն էլ առողջ, թարմ, ջահել ու անաղարտ տեսք ունեն, կարծես երբեք և ոչ մի դժբախտության շորշոփ չի դիպել նրանց։ Պիլարն ասում է, սակայն, որ Մարիան վերջերս է միայն իրեն գտել։ Երևի ահավոր վիճակում է եղել։

Հիշեց բելգիացի մի տղայի, Տասնմեկերորդ բրիգադից, որն իրենց գյուղացի հինգ տղաների հետ կամավոր եկել էր Իսպանիա։ Այդ գյուղն ընդամենը երկու երկու հարյուր բնակիչ է ունեցել, իսկ տղան մինչև այդ երբեք դուրս եկած չի եղել գյուղի սահմաններից։ Առաջին անգամ այդ տղային տեսել էր Հանսի Բրիգադային շտաբում։ Հինգ ընկերներն էլ սպանվել էին։ Տղան շատ վատ վիճակում էր։ Նրան բերել էին, որ ճաշարանում սպասարկի։ Խարտյաշ, ֆլամանդացու լայն ու կարմիր երեսով, գյուղացու անշնորհք ու խոշոր ձեռքերով այդ տղան այնպես էր ամաններով ետ ու առաջ անում ճաշարանում, կարծես ծանրաքարշ ձի լիներ։ Անընդհատ լալիս էր։ Ճաշը մատուցելու ողջ ընթացքում լուռ լալիս էր։

Երբ էլ գլուխդ բարձրացնեիր ու նայեիր, կտեսնեիր, որ լալիս է։ Գինի էիր խնդրում, լալիս էր, ամանդ էիր մեկնում, որ միս լցնի, լալիս էր ու գլուխը շրջում։ Հետո մի պահ դադարում էր, բայց բավական էր, որ նայեիր իրեն, նորից սկսում էին արցունքներն հոսել։ Մինչև երկրորդ ճաշատեսակը մատուցելու պահը խոհանոցում էր լալիս։ Բոլորն էլ շատ քնքշորեն էին վերաբերվում հետը։ Բայց ոչինչ չէր օգնում։ Տեսնես ի՞նչ եղավ, գտա՞վ իրեն, նորից պիտանի դարձա՞վ զինվորական ծառայության համար։

Մարիան հիմա լավ է։ Համենայն դեպս այդպես է թվում։ Դե ինքը հոգեբույժ չէ։ Հոգեբույժը Պիլարն է։ Հավանաբար երկուսի համար էլ լավ էր, որ գիշերն իրար հետ անցկացրին։ Այո՛, եթե ամեն ինչ դրանով էլ չվերջանա։ Իր համար, ոչ մի խոսք, որ լավ էր։ Հիանալի է զգում այսօր՝ առողջ, ամուր, անհոգ ու երջանիկ։ Կամրջի գործը երևում է բավական վատ է լինելու, բայց դե ինքը ահավոր բախտավոր է։ Եղել են ավելի վատ լինելու խոստումներով գործեր, լինելու խոստումներով։ Իսպաներեն է մտածում արդեն։ Բայց ինչ սքանչելի է Մարիան։

Նայի՛ր, ասաց ինքն իրեն, նայի՛ր, տե՛ս։

Նա նայեց աղջկան, որը խակի գույնի վերնաշապկի վիզը բացած՝ ուրախ֊ուրախ ոստոստում էր արևի շողերի մեջ։ Ոնց որ մտրուկը թռչկոտի, մտածեց նա։ Դու երբեք այդպես ընդառաջ չես գնա որևիցե բանի։ Այսպիսի բան քիչ է պատահում։ Գուցե երբեք էլ չի պատահել, մտածեց նա։ Գուցե երազ էր, ցնորք, այդպիսի բան չի եղել երբեք։ Գուցե սա էլ այն երազներից է, երբ կինոնկարներում տեսած կանանցից մեկն ու մեկը գալիս է գիշերով և այնպես քնքուշ ու այնպես անուշ մտնում է անկողինդ։ Նա այդ ձևով բոլորի հետ քնել է։ Հիմա էլ տակավին հիշում է Գարբոյին, Հարլոուին։ Այո, Հարլոուն շատ է եկել։ Գուցե սա էլ է այդպիսի մի երազ։

Հիմա էլ տակավաին հիշում է, թե ինչպես Գարբոն Պոսոբլանկայի գրոհին նախորդող գիշերը, հագին մետաքսի նման փափուկ մի բրդյա սվիտեր, եկավ ու մտավ իր անկողինը, գրկեց իրեն, և երբ կռացավ իր վրա, մազերը թափվեցին երեսին, ու հարցրեց, թե ինչո՞ւ ոչ մի անգամ չի ասել, որ սիրում է իրեն։ Նա բոլորովին ամոթխած չէր, ոչ էլ սառն ու հեռավոր մի էակ։ Այնպես անուշ էր, այնպես քնքուշ, այո, այնպես անուշ, ինչպես մի ժամանակ Ջեկ Գիլբերտի հետ, և այդ ամենը այնքան իրական էին, և ինքն այնպիսի՜ սիրով սիրեց Գարբոյին, ավելի ուժեղ, քան Հարլոուին, չնայած Գարբոն միայն մի անգամ էր եկել, մինչդեռ Հարլոուն․․․ Գուցե սա էլ նման մի երազ է։

Գուցեև երազ չէ, ասաց ինքն իրեն։ Գուցե մոտենամ հիմա և ձեռ տամ այդ Մարիային, ասաց ինքն իրեն։ Գուցե վախենո՞ւմ ես այդ բանն անել, վախենում ես հանկարծ պարզվի, որ ոչինչ էլ չի պատահել, որ դա ճիշտ չէր, որ դա էլ էր ցնորք, և նա եկել է քո մոտ ճիշտ այնպես, ինչպես գալիս էին կինոնկարների դերասանուհիներն ու քո հին սիրուհիները և քնում քեզ հետ այդ ննջապարկում՝ չոր գետնին, մարագներում, ախոռներում, corral֊ներում ու cortijo[39]֊ներում, անտառներում, գարաժներում, բեռնատարների թափքերին, ողջ Իսպանիայի սարերում։ Նրանք բոլորն էլ գալիս էին ու մտնում այդ ննջապարկը, երբ նա քնած էր լինում, և միշտ էլ ավելի քնքուշ էին, քան եղել են իրականում։ Գուցե սա էլ էր այդպես։ Գուցե վախենում ես դիպչել և ստուգել իրական էր, թե ոչ։ Հնարավոր է, որ սա էլ երազ լինի, լինի քո ցնորքներից։

Մոտեցավ աղջկան ու ձեռքը դրեց թևին։ Մաշված շապիկի վրայից մատների տակ զգաց ողորկ մաշկը։ Աղջիկը նայեց իրեն ու ժպտաց։

― Ողջո՛ւյն, Մարիա, ― ասաց։

― Ողջո՛ւյն, Ingles, ― պատասխանեց աղջիկը, և Ռոբերտ Ջորդանը տեսավ նրա շիկա֊շագանակագույն դեմքը, դեղնա֊մոխրագույն աչքերը, ժպտացող հուռթի շուրթերն ու արևավառ շատ կարճ մազերը, և աղջիկը գլուխը բարձրացրեց, նայեց իր աչքերի մեջ ու ժպտաց։ Ուրեմն, ճիշտ էր, իրականություն էր։

Հասել էին Էլ Սորդոյի ճամբարը։ Սոճուտի սահմանին էր, մի կողի վրա շրջված կոնքի նմանվող ձորում։ Այս կրաքարերի մեջ երևի քարայրներ են, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Հենց դեմուդեմը երկու քարայր կար։ Ժայռերի արանքում աճած սոճիների ետևում քարայրները չէին նկատվում։ Սա եթե Պաբլոյի ճամբարից լավ չէ, ապա վատ էլ չէ, մտածեց նա։

― Պատմի՛ր տեսնեմ, ոնց են գնդակահարել հարազատներիդ, ― հարցրեց Պիլարը Խոակինին։

― Ի՞նչ պատմեմ, կին, ― ասաց Խոակինը։ ― Մերոնք ձախ էին, ոնց որ շատերը Վալլադոլիդում։ Երբ ֆաշիստներն սկսեցին քաղաքը մաքրել, նախ հորս գնդակահարեցին։ Սոցիալիստներին էր քվե տվել։ Հետո մորս գնդակահարեցին։ Նա էլ էր քվեն նրանց տվել։ Կյանքում առաջին անգամ էր քվերարկել։ Դրանից հետո քրոջս ամուսնուն գնդակահարեցին։ Տրամվայի վարորդների սինդիկատի անդամ էր։ Ուզեր֊չուզեր պիտի անդամ լիներ, թե չէ ով կթողներ, որ տրամվայ վարի։ Բայց քաղաքականությունից հեռու մարդ էր։ Նրան ես լավ գիտեի։ Եթե կուզես նույնիսկ մի քիչ էլ անամոթ էր։ Ոչ էլ լավ ընկեր էր։ Կարծում եմ։ Մյուս քրոջս ամուսինը նույնպես տրամվայի վրա էր, նա քաշվեց սարերը, ոնց որ ես։ Ֆաշիստները մտածեցին, որ քույրս տեղը գիտի։ Բայց նա չգիտեր։ Տեսան, որ չի ասում, քրոջս գնդակահարեցին։

― Բարբարոսնե՛ր, ― ասաց Պիլարը։ ― Որտե՞ղ է Էլ Սորդոն։ Այս ինչո՞ւ չի երևում։

― Այստեղ է։ Ներսն է երևի, ― պատասխանեց Խոակինը, հետո մի պահ լռեց, հրացանի կոթը դրեց հատակին ու ասաց․ ― Պիլա՛ր, լսի՛ր։ Մարի՛ա, դու էլ։ Ներեցե՛ք, պետք չէր, որ ես վշտացնեի ձեզ իմ ընտանեկան պատմություններով։ Բոլորն էլ նույն ցավերն ունեն, գիտեմ, դրա համար էլ ավելի լավ է այդ մասին չխոսենք։

― Պետք է խոսենք, ― ասաց Պիլարը։ ― Եթե միմյանց չենք օգնելու, էլ ինչո՞ւ ենք ծնվել։ Իսկ լսել և լռելը այնքան էլ մեծ օգնություն չէ։

― Բայց դա կարող է Մարիային ցավ պատճառել։ Նա առանց այդ էլ այնքա՜ն բան է տեսել։

― Que va, ― ասաց Մարիան։ ― Իմ ցավերն այնքա՜ն շատ են, որ ոչինչ չի փոխվի, եթե քոնն էլ դրա վրա ավելանա։ Ցավակցում եմ քեզ, Խոակին, հուսանք, որ քրոջդ վիճակը լավ է։

― Այնքան էլ լավ չէ, ― ասաց Խոակինը։ ― Բանտարկված է, բայց երևում է նրան շատ չեն տանջում։

― Ուրիշ հարազատներ ունե՞ս, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Ոչ, ― ասաց տղան։ ― Ես եմ։ Ուրիշ ոչ ոք։ Փեսաս քաշվեց սարերը, բայց երևի նա էլ է արդեն մահացել։

― Գուցե ողջ է, ― ասաց Մարիան։ ― Գուցե նա էլ ինչ֊որ խմբերի հետ շրջում է սարերում։

― Ինձ թվում է, որ մահացած պիտի լինի, ― ասաց Խոակինը։ ― Նա միշտ էլ տկար էր, իսկ տրամվայի վարորդի համար սարերում շրջելը հեշտ չէ։ Դժվար թե նա կարողանար մի ամբողջ տարի դիմանալ սարերում։ Թոքերն էլ թույլ էին։

― Բայց կարող է և ողջ լինել, ― ասաց Մարիան ու ձեռքը դրեց տղայի ուսին։

― Կարող է, քույրիկս։ Կարող է, ինչո՞ւ չէ, ― ասաց Խոակինը։

Տղան կանգնած էր, Մարիան մոտեցավ, գրկեց նրան ու համբուրեց։ Խոակինը գլուխը շրջեց, որովհետև լալիս էր։

― Ոնց որ եղբորս, ― ասաց Մարիան, ― համբուրում եմ, ոնց որ եղբորս։

Տղան գլուխը շարժեց ու շարունակեց լուռ լաց լինել։

― Ես քո քույրն եմ, ― ասաց Մարիան նրան։ ― Ես քեզ սիրում եմ, դու հարազատներ ունես։ Մենք բոլորս մի ընտանիք ենք։

― Ներառյալ և Ingles֊ը, ― որոտաց Պիլարը։ ― Ճի՞շտ է, Ingles:

Ռոբերտ Ջորդանը թևը գցեց տղայի ուսով և ասաց․

― Մենք բոլորս եղբայրներ ենք։

Տղան շարժեց գլուխը։

― Ամաչում եմ, որ պատմեցի, ― ասաց տղան։ ― Այդ բաների մասին խոսելը նշանակում է մարդկանց ծանր վիճակի մեջ դնել։ Ես ամաչում եմ, որ ձեզ ցավ պատճառեցի։

― Ես քո այդ ամաչելու մեջը, ― ասաց Պիլարն իր կրծքային անուշ ձայնով։ ― Եվ եթե Մարիան նորից համբուրի քեզ, ես էլ կսկսեմ։ Ինչքա՜ն ժամանակ է, որ ցլամարտիկի չեմ համբուրել, թեկուզ քեզ նման ձախողակի, ո՜նց կհամբուրեի կոմունիստ դարձած ձախողակ ցլամարտիկին։ Պահի՛ր դրան, Ingles, պահի՛ր մի լավ համբուրեմ։

― Deja,[40] ― ասաց տղան ու կտրուկ շրջվեց։ ― Ինձ մենակ թող։ Ես ինձ շատ լավ եմ զգում, միայն թե ամաչում եմ։ Նա կանգնել էր ու դեմքը շրջել։ Ռոբերտ Ջորդանը բռնել էր Մարիայի ձեռքը։ Պիլարը ձեռքերը մեջքին կանգնել ու ծաղրական ժպիտով նայում էր տղային։

― Ես որ համբուրեմ, ― ասաց նա տղային, ― քրոջ համբույր չի լինի։ Մենք լավ գիտենք այդ քրոջ համբույր կոչվածը։

― Կարիք չկա այդպիսի հանաքների, ― ասաց տղան։ ― Ասացի, որ արդեն լավ եմ և ցավում եմ, որ պատմեցի այդ ամենը։

― Դե լավ, գնանք ծերուկին տեսնենք, ― ասաց Պիլարը։ ― Հոգնեցի, ո՞ւր եմ այսքան հուզվում։

Տղան նայեց նրան։ Նրա աչքերում մեծագույն վիրավորանքի արտահայտություն երևաց հանկար։

― Քո հուզվելու մասին չեմ, այլ իմ, ― ասաց Պիլարը։ ― Շատ ես քնքուշ, դժվար թե կարողանաս մատադոր դառնալ։

― Ձախողվել եմ, այո, հետո՞, ― ասաց Խոակինը։ ― Ի՞նչ ես անընդհատ կրկնում։

― Բայց հիմա էլ ես ցլամարտիկի խոպոպներդ պահում։

― Պահում եմ, և ինչո՞ւ չպահեմ։ Եթե ցլամարտիկ դառնամ, տնտեսապես ապահովված կլինեմ։ Շատ շատերի ապրուստի միջոցը դա է։ Իսկ հիմա արդեն պետությունն է այդ գործը իր ձեռքը վերցնելու։ Եվ գուցե այսուհետև չվախենամ։

― Գուցե, ― ասաց Պիլարը։ ― Գուցե։

― Ինչո՞ւ ես նրան այդպես կոպտում, Պիլա՛ր, ― ասաց Մարիան։ ― Ես քեզ շատ եմ սիրում, բայց դու ոնց որ վայրենի լինես։

― Հնարավոր է, գուցե և վայրենի եմ, ― ասաց Պիլարը։ ― Լսի՛ր, Ingles, դու լավ մտածե՞լ ես այն ամենի մասին, ինչ խոսելու ես Էլ Սորդոյի հետ։

― Այո։

― Որովհետև նա քչախոս մարդ է, ոչ ինձ նման է, ոչ քեզ, ոչ էլ այս վնգստան լակոտների։

― Ինչո՞ւ ես այդպես խոսում, ― դարձյալ հարցրեց զայրացած Մարիան։

― Չգիտեմ, ― ասաց Պիլարն ու առաջ շարժվեց։ ― Իսկապես, ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ։

― Չգիտեմ։

― Այնքան բաներ կան, որոնք մեկ էլ տեսար եկան, ու գժվեցի, ― ասաց զայրացած Պիլարը։ ― Դու հասկանո՞ւմ ես։ Դրանցից մեկն այն է, որ ես քառասունութ տարեկան եմ։ Լսո՞ւմ ես։ Քառասունութ տարեկան և տգեղ մի մռութ։ Մյուսը այն, որ ես տեսա, թե ինչպես իրար անցավ այս ձախողակ, կոմունիստական գաղափարներով ցլամարտիկը, երբ կատակով ասացի, որ կհամբուրեմ իրեն։

― Ճիշտ չես, Պիլար, ― ասաց տղան։ ― Այդպիսի բան չի եղել։

― Que va, ճիշտ չեմ։ Ես ձեր բոլորի կաթի մեջ։ Օհո՜, ահա և նա։ Hola, Սանտյագո։ Que tal?

Պիլարը ողջունում էր կարճահասակ, ամրակազմ, թխադեմ, լայն այտոսկրերով, ալեխառն մազերով մի տղամարդու։ Նրա դեղնա֊շագանակագույն աչքերը իրարից բավական հեռու էին տեղադրված, հնդկացու նեղ ու կեռ քիթ ուներ, բերանը մեծ էր, շրթունքները բարակ էին, վերինը՝ կախ։ Ածիլված էր, աղեղնաձև սրունքներն առաջ գցելով՝ քարայրի մուտքից դեպի իրենց էր գալիս, հագին նախրարածի շալվար էր, ոտներին՝ հեծյալի երկարաճիտ սապոգներ։ Չնայած որ օդը տաք էր, նա հագել էր ոչխարի մորթուց կարված կարճ բաճկոն և մինչև վիզը կոճկել։ Խոշոր, շագանակագույն ձեռքը նա մեկնեց Պիլարին ու «Hola, կին» ասաց։ Հետո «Hola» ասաց Ռոբերտ Ջորդանին, սեղմեց ձեռքն ու զննող հայացքով նայեց դեմքին։ Ռոբերտ Ջորդանը տեսավ, որ նրա աչքերը դեղին էին, ինչպես կատվինը, և անփայլ՝ ինչպես զեռունինը։ «Guapa» ասաց Մարիային ու թփթփացրեց աղջկա ուսը։

― Բան կերե՞լ եք, ― հարցրեց Պիլարին։ Կինը գլխով արեց։

― Ուտել, ― ասաց ու նայեց Ռոբերտ Ջորդանին։ ― Խմե՞լ, ― հարցրեց ու բութ մատով կոկորդով ցած մի բան լցնելու շարժում արեց։

― Այո, շնորհակալ կլինեմ։

― Լավ, ― ասաց Էլ Սորդոն։ ― Վիսկի՞։

― Վիսկի ունե՞ք։

Էլ Սորդոն գլխով արեց։

― Ingles, ― հարցրեց։ ― Ո՞չ Ruso:

― Americano:

― Ամերիկացի քիչ կա այստեղ, ― ասաց նա։

― Հիմա արդեն շատացել են։

― Ավելի լավ։ Հյուսիսայի՞ն, թե հարավային։

― Հյուսիսային։

― Նույնն է, ինչ Ingles-ը։ Կամուրջը ե՞րբ է պայթեցվելու։

― Գիտես, հա՞, կամուրջի մասին։

Սորդոն գլխով արեց։

― Վաղը չէ մյուս օրը, առավոտյան։

― Լավ, ― ասաց Էլ Սորդոն։ ― Պաբլո՞ն, ― հարցրեց Պիլարին։

Կինը գլուխը թափ տվեց։ Էլ Սորդոն քմծիծաղեց։

― Դու գնա՛, ― ասաց նա Մարիային և նորից քմծիծաղեց։ ― Կգաս, ― նայեց բաճկոնի գրպանից հանած կաշվե փոկով ժամացույցին, ― կես ժամից։

Նա գլխով նշան արեց, որ նստեն նստարանի տեղ ծառայող տաշված գերանին, նայեց Խոակինին և բութ մատով ցույց տվեց արահետը, որով եկել էին։

― Ես Խոակինի հետ կգնամ ներքև, հետո կվերադառնամ, ― ասաց Մարիան։

Էլ Սորդոն գնաց քարայր և շոտլանդական վիսկիի մի շիշ թևատակին դուրս եկավ, մատներին երեք բաժակ էր հագցրել, մյուս ձեռքին էլ ջրով լի մի կուժ կար։ Շիշն ու բաժակները դրեց գերանին, կուժը՝ հատակին։

― Սառույց չկա, ― ասաց և շիշը երկարեց Ռոբերտ Ջորդանին։

― Ես չեմ ուզում, ― ասաց Պիլարն ու ձեռքով ծածկեց բաժակը։

― Սառույցն արդեն գետնից կտրվեց, ― ասաց Էլ Սորդոն ու քմծիծաղեց։ ― Ինչ կար չկար հալվեց։ Միայն այնտեղ՝ վերևում է մնացել, ― ասաց ու ցույց տվեց լեռների ձույնածածկ լերկ կատարները։ ― Շատ հեռու է։

Ռոբերտ Ջորդանն ուզեց լցնել Էլ Սորդոյի բաժակը, բայց խուլ մարդը գլխով նշան արեց, որ նա ինքը իրեն լցնի։

Ռոբերտ Ջորդանը մի լավ բաժին շոտլանդական վիսկի լցրեց իր բաժակի մեջ, Էլ Սորդոն, որն ուշադիր հետևում էր, ջրի կուժը մեկնեց նրան, Ռոբերտ Ջորդանը վերցրեց ու սկսեց լցնել բաժակը կավե կժի կտուցից ծորացող սառը ջրով։

Էլ Սորդոն իր բաժակի մեջ կիսով չափ վիսկի լցրեց, հետո մինչև բերանը ջուր ավելացրեց։

― Գինի՞, ― հարցրեց Պիլարին։

― Ո՛չ։ Ջուր։

― Վերցրո՛ւ, ― ասաց։ ― Լավ չէ, ― ասաց Ռոբերտ Ջորդանին և քմծիծաղեց։ ― Շատ անգլիացիների եմ ճանաչել։ Միշտ շատ վիսկի։

― Որտե՞ղ։

― Ռանչոյում, ― ասաց Էլ Սորդոն։ ― Կալվածատիրոջ բարեկամներն էին։

― Վիսկին որտեղի՞ց ես ճարում։

― Ի՞նչ։ ― Չէր լսել։

― Դու գոռալով խոսիր, ― ասաց Պիլարը։ ― Մյուս ականջին։ Էլ Սորդոն մատով ցույց տվեց առողջ ականջն ու քմծիծաղեց։

― Վիսկին որտեղի՞ց ես ճարում, ― գոռաց Ռոբերտ Ջորդանը։

― Ինքս եմ սարքում, ― ասաց Էլ Սորդոն և նկատեց, որ Ռոբերտ Ջորդանի ձեռքի բաժակը կանգ առավ օդում, չհասավ բերանին։

― Չէ, ― ասաց Էլ Սորդոն ու թփթփացրեց Ռոբերտ Ջորդանի ուսը։ ― Կատակում եմ։ Լա Գրանխայից է։ Անցած գիշեր լսեցի, որ անգլիացի դինամիտավոր է եկել։ Լավ է։ Շատ ուրախ եմ։ Վիսկի ճարեցի։ Քեզ համար։ Հավանո՞ւմ ես։

― Շատ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Շատ լավ վիսկի է։

― Գոհ եմ, ― խնդմնդաց Սորդոն։ ― Դրա հետ լուրեր էլ եմ բերել։

― Ի՞նչ լուրեր։

― Մեծ զորաշարժեր են։

― Որտե՞ղ։

― Սեգովիայում։ Ինքնաթիռները տեսա՞ր։

― Այո։

― Վատ է, չէ՞։

― Վատ է։ Զորքերի տեղաշարժերը որտե՞ղ էին։

― Շատ զորք կար Վիլլակաստինի և Սեգովիայի արանքում։ Վալլադոլիդի ճանապարհին։ Շատ շատ էին Վիլլակաստինի և Սան Ռաֆայելի արանքում։ Շատ։ Շատ։

― Ի՞նչ ես կարծում, ի՞նչ է նշանակում։

― Մերոնք ինչ֊որ բա՞ն են պատրաստում։

― Հնարավոր է։

― Նրանք գիտեն։ Նույնպես պատրաստվում են։

― Հնարավոր է։

― Ինչո՞ւ այս գիշեր չպայթեցրիր կամուրջը։

― Հրամանն այդպես է։

― Ո՞ւմ հրամանն է։

― Գլխավոր շտաբի։

― Այդպես։

― Պայթեցնելու պահը կարևո՞ր է, ― հարցրեց Պիլարը։

― Շատ կարևոր։

― Բայց եթե զորքերն հիմա արդեն շարժվո՞ւմ են։

― Անսելմոյի միջոցով բոլոր տեղաշարժերի ու զորակուտակումների մասին զեկուցագիր եմ ուղարկելու։ Նա հիմա հսկում է ճանապարհին։

― Ճանապարհին հսկող ունե՞ս, ― հարցրեց Էլ Սորդոն։

Ռոբերտ Ջորդանը չգիտեր, թե իր ասածների որ մասն է նա լսել։ Այդպես է խուլ մարդու հետ գործ ունենալը։

― Այո՛, ― ասաց նա։

― Ես նույնպես։ Ինչո՞ւ հիմա չպայթեցնենք կամուրջը։

― Ինձ այդպես են հրամայել։

― Դա ինձ դուր չի գալիս, ― ասաց Էլ Սորդոն։ ― Դա ինձ դուր չի գալիս։

― Ոչ էլ ինձ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

Էլ Սորդոն թափ տվեց գլուխն ու մի կում էլ վիսկի խմեց։

― Ի՞նչ ես ուզում, որ ես անեմ։

― Քանի՞ մարդ ունես։

― Ութ։

― Կտրել հեռախոսալարերը, գրավել ճանապարհաշինության վարպետի տան պահակակետը և վերադառնալ կամուրջ։

― Դա հեշտ է։

― Այդ բոլորը կգրեմ կտամ։

― Մի՛ անհանգստանա։ Իսկ Պաբլո՞ն։

― Կկտրի ներքևի հեռախոսալարերը, կգրավի սղոցարանի պահակակետը, և կվերադառնա կամուրջ։

― Իսկ ինչպե՞ս ենք նահանջելու, ― հարցրեց Պիլարը։ ― Մենք յոթ տղամարդ ու երկու կին ենք և ունենք հինգ ձի։ Դուք ո՞նց եք, ― գոռաց Էլ Սորդոյի ականջին։

― Ութ մարդ և չորս ձի։ Faltan caballos, ― ասաց նա։ ― Ձիերը հերիք չեն։

― Տասնյոթ հոգի և ինը ձի, ― ասաց Պիլարը։ ― Բեռը չհաշված։

Սորդոն ոչինչ չասաց։

― Հնարավոր չէ՞ ձիեր ճարել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը Էլ Սորդոյի առողջ ականջին։

― Այս մի տարի է, որ պատերազմ է, ― ասաց Էլ Սորդոն, ― ընդամենը չորս ձի ենք ձեռք գցել։ ― Նա ցույց տվեց չորս մատները։ ― Հիմա դու վաղվա համար ութ ձի ես ուզում։

― Այո՛, ― ասաց Ռոբերտ Ջորդաանը։ ― Հիմա որ այստեղից հեռանալու ես, դրա համար եմ ասում։ Հարևաններից զգուշանալու կարիք չունես արդեն։ Զգոնությունն այլևս անհրաժեշտ չէ։ Չե՞ս կարող մի ութ ձի քաշել֊բերել։

― Կարելի է փորձել, ― ասաց Սորդոն։ ― Գուցե ոչ մի հատ չճարենք։ Գուցե ավելի լինի։

― Ձեռքի գնդացիր ունե՞ք, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։ Սորդոն գլխով արեց։

― Որտե՞ղ է։

― Բարձունքում։

― Ի՞նչ տիպի։

― Անունը չգիտեմ։ Սկավառակներով է։

― Քանի՞ սկավառակ ունեք։

― Հինգ։

― Լեզուն հասկացող կա՞։

― Ես։ Մի քիչ։ Շատ չենք կրակել։ Չենք ուզեցել աղմուկ բարձրացնել այստեղ, փամփուշտ փչացնել։

― Ես հետո կգնամ աչքի կանցկացնեմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Նռնակներ ունե՞ք։

― Ինչքան ասես։

― Իսկ փամփո՞ւշտ, ամեն հրացանի քանի՞ հատ կլինի։

― Հարյուր հիսուն։ Գուցեև ավելի։

― Բայց մեզ էլի մարդիկ են հարկավոր։

― Ինչի՞ համար։

― Որպեսզի բավարար չափով ուժեր լինեն և պահակակետերը գրավելու, և կամուրջը կրակի տակ պահելու համար, մինչև որ ես վերջացնեմ գործը։ Այս եղածից երկու անգամ ավելի մարդ է պետք։

― Պահակակետերի մասին մի անհանգստանա։ Ժամը քանիսի՞ն է պետք։

― Լուսաբացին։

― Մի անհանգստանա։

― Եվս քսան հոգի ունենայինք՝ արդեն հանգիստ կլինեի, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Լավը չկա։ Եղածները վստահելի չեն։ Ուզո՞ւմ ես։

― Ոչ։ Վստահելիները քանի՞ հոգի կլինեն։

― Երևի չորս։

― Ինչո՞ւ այդքան քիչ։

― Այդպես է։

― Մյուսները թող ձիերը պահեն։

― Ձի պահողները շաը վստահելի պետք է լինեն։

― Գոնե մի տասը հոգի լիներ, բավական էր։

― Չորս։

― Անսելմոն ասում էր հարյուրից ավելի մարդ կա այս սարերում։

― Լավը չեն։

― Իսկ դու ասում էիր երեսուն, ― դարձավ Ռոբերտ Ջորդանը Պիլարին։ ― Երեսուն հոգի, որոնց կարելի է ինչ֊որ չափով վստահել։

― Էլիասի տղերքը ո՞նց են, ― գոռաց Պիլարը Էլ Սորդոյի ականջին։

Նա գլուխը թափ տվեց։

― Լավը չեն։

― Տասը հոգի չե՞ս կարող ճարել, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

Սորդոն նայեց նրան իր անփայլ, դեղին աչքերով և գլուխը թափ տվեց։

― Չորս, ― ասաց ու ցույց տվեց չորս մատները։

― Քո տղաները վստահելի՞ են, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը և իսկույն էլ զղջաց, որ այդ հարցը տվեց։

Սորդոն գլխով արեց։

― Dentro de la gravedad, ― ասաց իսպաներեն, ― նայած վտանգի չափին։ ― Քմծիծաղեց։ ― Հը՞, վա՞տ են գործերը։

― Հնարավոր է։

― Ինձ համար միևնույն է, ― պարզ ու հասարակ, առանց որևէ պարծենկոտության շեշտի ասաց Էլ Սորդոն։ ― Ավելի լավ է չորս կարգին մարդը, քան հարյուր անպետքը։ Այս պատերազմում վատը ինչքան ուզես, լավն է քիչ։ Եվ օր օրի վրա ավելի է պակասում։ Իսկ Պաբլո՞ն, ― նայեց Պիլարին։

― Ոնց որ գիտես, ― ասաց Պիլարը։ ― Օր օրի վրա ավելի վատ։

Սորդոն ուսերը վեր քաշեց։

― Խմի՛ր, ― ասաց Սորդոն Ռոբերտ Ջորդանին։ ― Ես կբերեմ իմոնց ու ևս չորս հոգի։ Դա կանի տասներկու։ Այս իրիկուն այդ ամենը կգտնենք։ Վաթսուն կտոր դինամիտ ունեմ։ Ուզո՞ւմ ես։

― Քանի տոկոսանոց է։

― Չգիտեմ։ Սովորական դինամիտ է։ Կբերեմ։

― Դրանով վերևի փոքր կամուրջը կպայթեցնենք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Հիանալի է։ Երեկոյան գալո՞ւ ես ներքև։ Բե՛ր, կարո՞ղ ես։ Թեև այդ կամուրջը պայթեցնելու հրաման չեմ ստացել, բայց կպայթեցնենք։

― Երեկոյան կգամ։ Հետո կգնամ ձիեր ճարելու։

― Իսկ ի՞նչ հույս կա։

― Կարող է։ Հիմա ուտել։

Տեսնես բոլորի՞ հետ է այս ձևով խոսում, ― մտածեց Ռոբերտ Ջորդանը։ ― Գուցե կարծում է, որ օտարականին այդպես ավելի հասկանալի է։

― Իսկ ո՞ւր ենք գնալու այս ամենն անելուց հետո, ― գոռաց Պիլարը Սորդոյի ականջին։

Սորդոն ուսերը թափ տվեց։

― Դա պետք է նախօրոք որոշել, ― ասաց կինը։

― Անշուշտ, ― ասաց Սորդոն։ ― Պետք է։

― Դա այնքան էլ հեշտ չէ, ― ասաց Պիլարը։ ― Պետք է ամեն ինչ լավ ծրագրել։

― Այո՛, կին, ― ասաց Սորդոն։ ― Քեզ ի՞նչն է մտահոգում։

― Ամեն ինչ, ― գոռաց Պիլարը։

Սորդոն քմծիծաղցեց։

― Պաբլոյից ես վարակվել, ― ասաց նա։

Ուրեմն միայն օտարականների հետ է նա պոչատ իսպաներենով խոսում, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Դե լավ է, վերջապես մի կարգին լեզվով ասված խոսք լսեցինք։

― Ո՞ւր պետք է գնանք, ի՞նչ ես կարծում, ― հարցրեց Պիլարը։

― Ո՞ւր։

― Այո՛, ո՞ւր։

― Տեղ շատ կա, ― ասաց Սորդոն։ ― Շատ տեղեր կան։ Գրեդոսը քեզ ծանո՞թ է։

― Այնտեղ շատ են լցվել։ Շուտով, հենց որ առիթ ունեցան, սկսելու են այդ տեղերը մաքրել։

― Այո։ Բայց ընդարձակ երկրամաս է, անմարդաբնակ։

― Շատ դժվար կլինի տեղ հասնելը, ― ասաց Պիլարը։

― Ամեն ինչ դժվար է, ― ասաց Էլ Սորդոն։ ― Գրեդոս գնալն էլ նույնն է, ինչ ուրիշ տեղ։ Գիշերներն ենք ճամփա գնալու։ Այստեղ հիմա շատ ավելի վտանգավոր է։ Հրաշք էր, որ այսքան երկար ժամանակ կարողացանք մնալ այստեղ։ Գրեդոսն ավելի ապահով է։

― Գիտե՞ս ուր եմ ուզում գնալ, ― հարցրեց Պիլարը։

― Ո՞ւր։ Պարամե՞րա։ Բանի պետք չէ։

― Չէ, ― ասաց Պիլարը։ ― Ոչ մի Սիեռա դե Պարամերա։ Ուզում եմ գնալ Հանրապետություն։

― Դա էլ է հնարավոր։

― Ձերոնք կուզե՞ն գնալ։

― Այո՛։ Եթե ասեմ։

― Իմոնք՝ չգիտեմ, ― ասաց Պիլարը։ ― Պաբլոն չի ուզենա, չնայած, ճիշտը որ ասենք, այնտեղ նա կարող է իրեն ավելի ապահով զգալ։ Զինվոր չեն տանի, տարիքն առել է, անշուշտ եթե համատարած զորակոչ չսկսվի։ Գնչուն էլ չի ուզենա գնալ։ Մյուսները չգիտեմ։

― Երկար ժամանակ որ այստեղ ոչինչ չի եղել, վտանգը չեն պատկերացնում, ― ասաց Էլ Սորդոն։

― Այսօրվա ինքնաթիռներից հետո կպատկերացնեն, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց ինձ թվում է, որ Գրեդոսում դուք կարող եք ավելի լավ գործել։

― Ի՞նչ, ― ասաց Էլ Սորդոն և նայեց նրան իր բոլորովին անփայլ աչքերով։ Հարցադրման եղանակը բարեկամական չէր։

― Այնտեղից դուք կարող եք ավելի արդյունավետ հարձակումներ գործել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Այդպե՜ս, ― ասաց Էլ Սորդոն։ ― Ծանո՞թ ես Գրեդոսին։

― Այո՛։ Այնտեղից դուք կարող եք հարձակումներ գործել երկաթգծի մայրուղու վրա։ Կարող եք գծերը պայթեցնել, ոնց որ մենք էինք անում մի փոքր հարավում՝ Էսթրեմադուրայում։ Այնտեղ գործելն ավելի ճիշտ կլինի, քան Հանրապետություն վերադառնալը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Դուք այնտեղ ավելի օգտակար կարող եք լինել։

Երկուսն էլ՝ և՛ Էլ Սորդոն, և՛ Պիլարը, լսում էին նրան ու մռայլվում։

Սորդոն նայեց Պիլարին, կինը նայեց Սորդոյին։

― Ասում ես ծանոթ ես, հա՞, Գրեդոսին, ― հարցրեց Սորդոն։ ― Իսկապե՞ս։

― Անպայման, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Ինքդ ո՞ւր կգնայիր։

― Բարկո դե Ավիլայից այն կողմ։ Սրանից լավ տեղեր են։ Կարելի է հարձակումներ գործել և մայրուղու, և Բեխար֊Պլասենսիա երկաթուղու վրա։

― Դժվար գործ է, ― ասաց Սորդոն։

― Մենք այդ նույն երկաթուղու վրա ավելի վտանգավոր երկրամասում ենք հարձակումներ գործել, Էսթրեմադուրայում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Այդ ո՞վ՝ մենք։

― Էսթրեմադուրայի guerrillero[41]֊ների ջոկատը։

― Շա՞տ էիք։

― Մոտ քառասուն հոգի։

― Այն մի հոգին՝ թույլ նյարդերով ու տարօրինակ անունով նա՞ էլ էր այնտեղից, ― հարցրեց Պիլարը։

― Այո՛։

― Հիմա որտե՞ղ է։

― Մահացել է։ Ես քեզ ասել եմ։

― Դո՞ւ էլ ես այնտեղից։

― Այո՛։

― Հասկանո՞ւմ ես, չէ՞, թե ինչ եմ ուզում ասել, ― հարցրեց Պիլարը։

Դարձյալ սխալվեցի, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Ասացի, որ մենք ինչ֊որ բաներ իրենցից լավ ենք կարողանում անել, այնինչ Իսպանիայում չգրված օրենք է՝ քո սխրանքների և ունակությունների մասին չպետք է խոսես։ Շողոքորթելու փոխարեն սկսել եմ նրանց սովորեցնել, թե ինչ պետք է անեն և, ահա, զայրացրի։ Ինչ արած, գուցե կհանդուրժեն, գուցև ոչ։ Ինչ խոսք, որ Գրեդոսում նրանք ավելի օգտակար կարող են լինել, քան այստեղ։ Փաստ է, գնացքից հետո ոչինչ չեն արել։ Դա էլ Կաշկինն է կազմակերպել։ Այն էլ ո՞վ գիտի, թե ինչ թամաշա է եղել։ Ընդամենը մի շոգեքարշ են պայթեցրել ու մի քանի ֆաշիստ են սպանել, իսկ դրա մասին այնպես են խոսում, կարծես պատերազմի ամենավճռական իրադարձությունը լիներ։ Գուցե ամաչեն ու գնան Գրեդոս։ Գուցեև վերցնեն ու ինձ այնտեղից դուրս շպրտեն։ Մի խոսքով, հեռանկարը այնքան էլ վարդագույն չէ։

― Լսիր, Ingles, ― ասաց Պիալրը, ― նյարդերդ ո՞նց են։

― Շատ ամուր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ոնց որ պետք է։

― Գիտե՞ս ինչու եմ հարցնում, այն վերջին դինամիտավորը, որին ուղարկել էին այստեղ, լավ տեխնիկ էր, բայց նյարդերը շատ թույլ էին։

― Մեր մեջ էլ թույլ նյարդերով մարդիկ կան, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Չէ՛, վախկոտ չէր, այդպիսի բան չեմ կարող ասել, ― մինչև վերջ էլ իրեն լավ պահեց, ― շարունակեց Պիլարը։ ― Բայց շատ էր խոսում, տարօրինակ բաներ էր դուրս տալիս։ ― Ձայնը բարձրացրեց․ ― Ճիշտ չե՞մ, Սանտյագո, գնացքի դինամիտավորը մի քիչ տարօրինակ չէ՞ր։

― Algo raro, ― հաստատեց խուլ մարդը և կլոր, փոշեծծիչի անցք հիշեցնող աչքերն հառեց Ռոբերտ Ջորդանի դեմքին։ ― Si, algo raro, pero bueno:[42]

― Murio՛, ― ասաց Ռոբերտ Ջորդանը խուլ մարդու ականջին։ ― Մահացել է։

― Ինչպե՞ս պատահեց, ― հարցրեց խուլը՝ հայացքը Ռոբերտ Ջորդանի աչքերից շրթունքներին իջեցնլով։

― Ես խփեցի, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Շատ ծանր վիրավոր էր, ճանապարհը չէր կարող անցնել, և ես խփեցի։

― Նա անընդհատ այդ մասին էր խոսում, ― ասաց Պիլարը։ ― Այդ մտքից չէր կարողանում ազատվել։

― Այո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Նա անընդհատ այդ մասին էր խոսում, և իսկապես, չէր կարողանում ազատվել այդ մտքից։

― Como fue,[43] ― հարցրեց խուլ մարդը։ ― Էլի՞ գնացք էր։

― Գնացքի պայթեցումից հետո էր, վերադառնում էինք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ամեն ինչ հաջող էր անցել։ Մութ էր, ճանապարհին հանդիպեցինք ֆաշիստ պարեկների, վազեցինք, կրակեցին, թիկունքից վիրավորվեց, բայց ոսկորը չէր վնասվել, փամփուշտը մտել էր թիակի տակ։ Երկար ժամանակ քայլում էր մեզ հետ, բայց վերքն այնպիսին էր, որ այլևս չկարողացավ գալ։ Չէր ուզում այդտեղ մնալ, և ես խփեցի։

― Menos mal, ― ասաց Էլ Սորդոն։ ― Չարյաց փոքրագույնը։

― Իսկ դու վստա՞հ ես, որ նյարդերդ ամուր են, ― հարցրեց Պիլարը Ռոբերտ Ջորդանին։

― Այո՛, ― ասաց նա։ ― Վստահ եմ, նյարդերս ամուր են, և ես կարծում եմ, որ լավ կանեք կամրջից հետո գնաք Գրեդոս։

Խոսքը հազիվ էր վերջացրել, որ կինն սկսեց հայհոյանքների մի այնպիսի կեղտոտագույն տարափ տեղալ գլխին, կարծես հեյզերի հանկարծական ժայթքումից առաջացած սպիտակափրփուր տաք ջուր թափվեր։

Խուլն օրորում էր գլուխն ու հրճվանքով քմծիծաղում։ Նա երջանիկ օրորում էր գլուխը, Պիլարը տեղում էր իր հայհոյանքները, իսկ Ռոբերտ Ջորդանն աստիճանաբար համոզվում էր, որ ամեն ինչ հարթվում է։ Վերջապես կինն սկսեց հանդարտվել, ձեռքը տարավ ջրի կժին, բարձրացրեց, մի կում արեց և հանգիստ ասաց․

― Արի, Ingles, մեր հետագա անելիքների մասին մի խոսիր, եղա՞վ։ Վերադարձիր Հանրապետություն, աղջկադ էլ վերցրու հետդ ու մեզ էլ հանգիստ թող, ինքներս կորոշենք, թե այս սարերից որի լանջին ենք մեռնելու։

― Ապրելու, ― ասաց Էլ Սորդոն։ ― Հանդարտվի՛ր, Պիլա՛ր։

― Ե՛վ ապրելու, և՛ մեռնելու, ― ասաց Պիլարը։ ― Ինձ համար վախճանը պարզ է։ Դու ինձ դուր ես գալիս, Ingles, բայց արի բերանդ փակի՛ր, քեզանից հետո թե մենք ինչ կանենք, մեր գործն է։

― Քո գործն է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Չեմ խառնվում։

― Բայց խառնվել էիր, ― ասաց Պիլարը։ ― Վերցրո՛ւ, հերատուկ փոքրիկ ջլթիկիդ և վերադարձիր Հանրապետություն, բայց նրանց երեսին, ովքեր օտարականներ չեն և սիրել են Հանրապետությունը տակավին այն ժամանակ, երբ քո բերանից դեռևս կաթի հոտ է գալիս, դռները մի՛ փակիր։

Պիլարը նորից էր ձայնը բարձրացրել, և արահետով բարձրացած Մարիան լսեց նրա վերջին նախադասությունը։ Աղջիկը գլխով ու մատով սկսեց զգուշացնել Ռոբերտ Ջորդանին, որպեսզի չմատնի իր գալը։ Պիլարը տեսավ, որ Ռոբերտ Ջորդանը ժպտում է ու նայում աղջկան։

― Այո՛, ― ասաց կինը աղջկան, ― ասացի։ Ասացի ջլթիկ։ Հենց դա է որ կա։ Վեր կացեք ու իրար հետ գնացեք Վալենսիա, մենք էլ կգնանք Գրեդոս այծի կոտոշ ուտելու։

― Թող ջլթիկ լինեմ, Պիլար, եթե ուզում ես, ― ասաց Մարիան։ ― Թե որ ասում ես, ուրեմն այդպես է։ Բայց հանդարտվիր։ Այդ ի՞նչ է պատահել քեզ։

― Ոչինչ, ― ասաց Պիլարն ու նստեց նստարանին։ Նրա ձայնն արդեն հանդարտվել էր, զայրույթի պահի մետաղի զրնգունությունը չքացել էր։ ― Չէ, դու այդպիսին չես։ Բայց ախր շատ եմ ուզում Հանրապետություն գնալ։

― Գնանք բոլորս իրար հետ, ― ասաց Մարիան։

― Ինչո՞ւ չէ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Որ Գրեդոսը սրտովդ չէ, գնանք։

Սորդոն քմծիծաղեց։

― Դեռ կտեսնենք, ― արդեն հանգստացած ասաց Պիլարը։ ― Մի բաժակ այդ տարօրինակ խմիչքից տվեք։ Բարկությունից կոկորդս շարքից հանեցի։ Դեռ կտեսնենք։ Օրը կգա կտեսնենք։

― Հասկանո՞ւմ ես, ընկե՛ր, ― սկսեց բացատրել Սորդոն։ ― Որ առավոտյան է լինելու, դա է դժվար։ ― Նա արդեն պոչատ իսպաներենով չէր խոսում, հանգիստ նայում էր Ռոբերտ Ջորդանի աչքերին և փորձում էր պարզաբանել խնդիրը։ Հիմա նա քիչ առաջվա կասկածոտ ու զննող կամ մարդկանց վերևից նայող ծեր զինվորականը չէր։ ― Ես հասկանում եմ, թե քեզ ինչ է պետք՝ պետք է ոչնչացվեն պահակակետերը և կրակի տակ պիտի պահվի կամուրջը, մինչև գործդ ավարտես։ Լրիվ հասկանում եմ։ Դա կարելի է հեշտությամբ անել մինչև լուսաբացը կամ նույնիսկ լուսաբացին։

― Այո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Դու մի րոպեով գնա, հա՞, ― ասաց նա Մարիային, առանց նայելու նրան։

Աղջիկը հեռացավ այնքան, որ արդեն խոսակցությունը չէր լսում, նստեց գետնին ու ծնկներն առավ ձեռքերի մեջ։

― Հասկանո՞ւմ ես, ― ասաց Սորդոն։ ― Դա կանենք, այդտեղ դժվարություն չկա։ Բայց դրանից հետո օրը ցերեկով նահանջելը արդեն շատ լուրջ խնդիր է։

― Ճիշտ ես, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես էլ եմ մտածել այդ մասին։ Ախր ինձ համար էլ է ցերեկ, չէ՞։

― Բայց դու մեկ հոգի ես, ― ասաց Էլ Սորդոն։ ― Մենք շատ ենք, և մեկս մյուսից տարբեր մարդիկ։

― Կարելի է վերադառնալ ճամբար, հետո, երբ մութն ընկնի, թողնել֊հեռանալ, ― ասաց Պիլարը՝ բաժակը տանելով շրթներին ու նորից իջեցնելով։

― Դա էլ շատ վտանգավոր է, ― ասաց Էլ Սորդդոն։ ― Դա գուցե շատ ավելի վտանգավոր է։

― Պատկերացնում եմ, թե ինչ կարող է լինել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Գիշերով հեշտ կլիներ կամուրջը պայթեցնել, ― ասաց Էլ Սորդոն։ ― Բայց որ ասում ես պետք է ցերեկով պայթեցնել, գործը բարդանում է, հետևանքները ծանր են լինելու։

― Գիտեմ։

― Չէի՞ր կարող գիշերով պայթեցնել։

― Եթե այդպիսի բան անեմ, ինձ կգնդակահարեն։

― Իսկ եթե ցերեկով անես, շատ հնարավոր է, որ քեզ էլ գնդակահարեն, մեզ էլ։

― Եթե կամուրջը պայթեցրի, իմ անձն արդեն կարևոր չէ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց ես ձեզ էլ եմ հասկանում։ Դժվար է ցերեկով նահանջելը։

― Անպայման, ― ասաց Էլ Սորդոն։ ― Կփորձենք դրա ճարն էլ գտնել։ Բայց ես ուզում եմ, որ քեզ համար պարզ դառնա մարդկանց մտահոգության ու զայրույթի պատճառը։ Դու Գրեդոս գնալու մասին այնպես ես խոսում, կարծես դա ընդամենը զորախաղ լինի։ Եթե մենք Գրեդոս հասնենք, դա հրաշքի նման բան կլինի։

Ռոբերտ Ջորդանը ոչինչ չասաց։

― Լսի՛ր, ― ասաց խուլ մարդը։ ― Ես շատ եմ խոսում։ Պատճառն այն է, որ ուզում եմ իրար հասկանանք։ Հրաշքով է, որ մենք այստեղ կենդանի ենք մնացել։ Այդ հրաշքի համար մեղավորը ֆաշիստների ծուլությունն է ու հիմարությունը, ժամանակի ընթացքում նրանք դրանից կբուժվեն։ Ճիշտ է, մենք չափազանց զգույշ ենք եղել, այստեղ ոչ մի խռովություն չենք բարձրացրել, դա էլ է նշանակություն ունեցել։

― Գիտեմ։

― Բայց հիմա, այս գործից հետո պետք է հեռանանք այստեղից։ Իսկ նահանջը պետք է լավ ծրագրել։

― Անպայման։

― Այդպես, ― ասաց Էլ Սորդոն։ ― Հիմա եկեք մի բան ուտենք։ Շատ խոսեցի։

― Դու երբեք այսքան երկար չէիր խոսել, ― ասաց Պիլարը։ ― Դա՞ է պատճառը, ― ցույց տվեց բաժակը։

― Չէ՛․․․ ― ասաց Էլ Սորդոն ու գլուխը շարժեց։ ― Վիսկիից չէ։ Մինչև հիմա այնպիսի հարց չէր եղել, որ անհրաժեշտություն զգացվեր երկար խոսելու։

― Ես գնահատում եմ քո օգնությունը, Հանրապետության հանդեպ քո հավատարմությունը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես հասկանում եմ նաև, թե կամրջի պայթեցման համար որոշված պահը ինչպիսի դժվար կացության առաջ է կանգնեցնում բոլորին։

― Այդ մասին չխոսենք, ― ասաց Էլ Սորդոն։ ― Մենք այստեղ ենք, որպեսզի անենք այն, ինչ կարող ենք, բայց խնդիրը բարդ է։

― Թղթի վրա շատ պարզ է, ― քմծիծաղեց Ռոբերտ Ջորդանը։ ― Այնպես է հաշվարկված, որ հենց որ հարձակումն սկսվի, կամուրջը պայթի, և ոչ մի նոր ուժ չկարողանա այս կողմն անցել։ Այնքա՜ն պարզ է։

― Ասեին, մենք էլ թղթի վրա մի բան անեինք, ― ասաց Էլ Սորդոն։ ― Մենք էլ թղթի վրա ծրագրեինք, կատարեինք։

― Թուղթը արյուն չի ծորա, ― Ռոբերտ Ջորդանը հիշեց ասացվածքը։

― Մանավանդ մի բանի համար շատ է պետք գալիս, ― ասաց Պիլարը։ ― Es muy util:[44] Պիտի ուզենայի քո հրամանները այդ նպատակի համար օգտագործել։

― Ես նույնպես, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց պատերազմում դրանով երբեք չես հաղթի։

― Չէ, չես հաղթի, ― ասաց խոշոր կինը։ ― Ես էլ եմ այդպես կարծում։ Գիտե՞ք, թե իսկապես ինչ կուզենայի։

― Գնալ Հանրապետություն, ― ասաց Էլ Սորդոն։ Նա իր առողջ ականջը մոտեցրել էր Պիլարին։ ― Ya iras, mujer:[45] Ա՛յ պատերազմը կշահենք, և ամբողջ երկիրը Հանրապետություն կդառնա։

― Դե լավ, ― ասաց Պիլարը։ ― Իսկ հիմա, թե աստված կսիրեք, եկեք մի բան ուտենք։


Գլուխ տասներկուերորդ

Ճաշից հետո դուրս եկան Էլ Սորդոյի ճամբարից ու արահետով իջան։ Մինչև ներքևի դիտակետն Էլ Սորդոն ուղեկցեց նրանց։

― Salud, ― ասաց բաժանվելիս։ ― Մինչև երեկո։

― Salud, camarado, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Նրանք արահետով գնացին ներքև, իսկ խուլ մարդը կանգնել էր ու հայացքով հետևում էր նրանց։ Մարիան շրջվեց ու ձեռքը թափահարեց օդում, Էլ Սորդոն նույնպես բարձրացրեց ձեռքը մինչև ուսը և հենց այնպես, իմիջիալյոց, թափ տվեց օդում, իսպանացիների մոտ ընդունված մի եղանակով, որն ուրիշները կարող էին ընկալել միայն որպես որևէ բան ժխտելու, բայց ոչ երբեք հրաժեշտ արտահայտող շարժում։ Ճաշելու ընթացքում ոչխարենի բաճկոնի կոճակները չէր քանդել․ եղել էր չափազանց քաղաքավարի, շրջվել էր խոսողի կողմը և ուշադրությամբ լսել, կրկին անցել էր իր ջարդոտած իսպաներենին ու շատ բարեկիրթ ձևով հարցրել էր Ռոբերտ Ջորդանին, թե ինչպիսի դրություն է տիրում այժմ Հանրապետությունում։ Այս բոլորի հետ, սակայն ակնհայտ էր, որ նա ուզում էր հնարավորին չափ շուտ ազատվել նրանից։

Բաժանման պահին Պիլարը հարցրել էր նրան․

― Լա՞վ ես, Սանտյագո։

― Ոչինչ, լավ եմ, կի՛ն, ― ասել էր խուլ մարդը։ ― Լավ եմ։ Բայց խորհում եմ։

― Ես էլ, ― ասել էր Պիլարը և հիմա, երբ սոճեպատ արահետով հեշտ ու հաճելի իջնում էին զառիթափն ի վար, նա լուռ խորհում էր։ Լուռ էին նաև Ռոբերտ Ջորդանն ու Մարիան։ Ճանապարհի այդ հատվածը արագ անցան։ Սկսվեց զառիվերը, այդտեղ արահետը, դուրս գալով ծառապատ ձորից, մտնում էր թավ անտառն ու գնում դեպի բարձրադիր մարգագետինը։

Մաիսյան հետմիջօրեի ուշ ժամին շոգ էր, զառիթափի կեսին կինը կանգ առավ։ Ռոբերտ Ջորդանը նույնպես կանգ առավ, շրջվեց ու նայեց նրան։ Կնոջ ճակատը քրտնքի կաթիլներով էր պատվել, թուխ դեմքը գունատվել էր, մաշկը դարձել էր դեղնավուն, աչքերի տակը սևացել էր։

― Եկեք մի քիչ հանգստանանք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Շատ արագ ենք գնում։

― Ո՛չ, ― ասաց կինը։ ― Գնանք։

― Հանգստացիր, Պիլար, ― ասաց Մարիան։ ― Երևում է լավ չես։

― Ձենդ կտրիր, ― ասաց կինը։ ― Քեզանից խորհուրդ հարցնող չկա։

Կինը շարունակեց բարձրանալ արահետով, հասել էին գրեթե զառիթափի վերջին, նա արդեն հևասպառ էր եղել, դեմքը լրիվ կորել էր քրտնքի մեջ, գունատությունը ակնհայտ էր։

― Նստի՛ր, Պիլար, ― ասաց Մարիան։ ― Խնդրում եմ քեզ, խնդրում եմ, նստիր։

― Դե լավ, ― ասաց Պիլարը և երեքով նստեցին մի սոճու տակ ու նայեցին լեռնային արոտներից դենը՝ հեռվում երևացող ձյունափառ գագթներին, որոնք դուրս էին ժայթքել լեռնապարից ու փայլում էին մայրամուտ թեքվող արևի շողերի տակ։

― Անպետք բան է, չէ՞, այդ ձյուն ասածը, բայց տես ինչ գեղեցիկ է, ― ասաց Պիլարը։ ― Պատրանք է, պատրանք է ձյունը։ ― Շրջվեց դեպի Մարիան։ ― Ների՛ր, որ կոպտեցի քեզ, guapa: Չգիտեմ, թե ինչ է այսօր կատարվում ինձ հետ։ Անպետք բնավորություն ունեմ։

― Դու որ բարկացած ես լինում, ես չեմ նեղանում քո խոսքերից, ― ասաց Մարիան։ ― Իսկ դու հաճախ ես բարկանում։

― Չէ, սա ոնց որ ավելի վատ բան է, քան բարկությունը, ― ասաց Պիլարը՝ հայացքն հառած լեռնագագաթներին։

― Որևէ տեղդ ցավո՞ւմ է, ― հարցրեց Մարիան։

― Ոչ էլ դա է, ― ասաց կինը։ ― Մոտ արի guapa, գլուխդ դիր ծնկներիս։

Մարիան մոտեցավ, գլուխը ձեռքերի մեջ առած դրեց կնոջ ծնկներին, նայեց երեսին ու ժպտաց, բայց հսկայամարմին կնոջ հայացքը արոտներից այն կողմ, հեռավոր լեռներին էր տակավին ուղղված։ Առանց նայելու աղջկան, նա սկսեց շոյել գլուխը, հետո ձեռքը տարավ ականջին, ծոծրակի մազերին։

― Հիմա, հիմա, մի փոքր էլ ու ես աղջկան կհանձնեմ քեզ, Ingles, ― ասաց նա։

Ռոբերտ Ջորդանը նստել էր նրա ետևը։

― Մի՛ ասա այդպիսի բաներ, ― ասաց Մարիան։

― Այո՛, ես քեզ կհանձնեմ նրան, ― ասաց Պիլարը՝ առանց նրանց նայելու։ ― Ես երբեք չեմ ցանկացել քեզ։ Բայց հիմա խանդում եմ։

― Պիլա՛ր, ― ասաց Մարիան։ ― Այդպես մի՛ խոսիր։

― Ես քեզ կհանձնեմ նրան, ― ասաց Պիլարը և մատը տարավ աղջկա ականջի թլթակին։ ― Բայց շատ եմ խանդում։

― Բայց, Պիլար, ― ասաց Մարիան, ― դու ինքդ էիր ասում ինձ, որ իմ և քո մեջ ոչ մի նման բան չկա։

― Նման մի բան միշտ էլ կա, ― ասաց կինը։ ― Նման մի բան միշտ էլ կա, թեև պետք չէ որ լինի։ Բայց իմ մոտ չկա։ Իսկապես չկա։ Ես ուզում եմ, որ դու երջանիկ լինես, և ուրիշ ոչինչ։

Մարիան ոչինչ չասաց, մնաց պառկած ու ջանաց գլուխն այնպես պահել, որ կինը ծանրություն չզգա։

― Լսի՛ր, guapa, ― ասաց Պիլարը՝ մատը թույլ֊թույլ մտացրիվ տանելով աղջկա այտերի վրայով։ ― Լսիր, guapa, ես քեզ սիրում եմ, նա էլ կարող է սիրել քեզ, ես tortillera[46] չեմ, ես ստեղծված եմ տղամարդու համար։ Ճիշտ եմ ասում։ Բայց այս պահին ես հաճույք եմ զգում, երբ օրը ցերեկով խոստովանում եմ, որ սիրում եմ քեզ։

― Ես էլ եմ սիրում քեզ։

― Que va: Ի՞նչ գիտես։ Դու ստեղծված ես Inglesi համար։ Դա պարզից էլ պարզ է։ Այդպես էլ կլինի։ Դա իմ սրտով է։ Ուրիշը լիներ չէի համաձայնի։ Ես այլասերված կին չեմ։ Ես քեզ ընդամենը ճիշտ բան եմ ասում։ Կյանքում շատ քիչ տղամարդկանց կհանդիպես, որոնք քեզ ճշմարիտ խոսք կասեն, իսկ կանանցից ոչ մեկը չի ասի։ Ես խանդում եմ և, տե՛ս, ասում եմ, որ խանդում եմ։ Ասում եմ։

― Մի՛ ասա այդ բանը, ― ասաց Մարիան։ ― Մի ասա այդ բանը, Պիլար։

― Por que[47] չասեմ, ― ասաց կինը՝ շարունակելով նրանցից ոչ մեկին չնայել։ ― Պիտի ասեմ մինչև ձանձրանամ։ ― Հայացքն իջեցրեց աղջկա վրա։ ― Ահա և ձանձրացա։ Այլևս չեմ ասի, պա՞րզ է։

― Պիլար, ― ասաց Մարիան, ― այդպես մի խոսիր։

― Դու շատ զվարճալի փոքրիկ նապաստակ ես, ― ասաց Պիլարը։ ― Բարձրացրո՛ւ գլուխդ, տխմարությունս արդեն անցավ։

― Դա տխմարություն չէր, ― ասաց Մարիան։ ― Իսկ գլուխս այստեղ շատ լավ է։

― Չէ՛։ Բարձրացրո՛ւ, ― ասաց Պիլարը և իր խոշոր ձեռքը տարավ ու բարձրացրեց աղջկա գլուխը։ ― Իսկ դու, Ingles, ― աղջկա գլուխը պահած ձեռքի մեջ և հայացքն հառած լեռներին, ― ի՞նչ է, կատուն լեզուդ կերե՞լ է, ― ասաց։

― Չէ՛, կատուն չի կերել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Հապա ի՞նչ գազան է կերել, ― ասաց ու աղջկա գլուխը թողեց, որ ընկնի գետին։

― Ոչ մի գազան, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Ինքդ ես կուլ տվել, հա՞։

― Կարծես թե, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Եվ ի՞նչ, համե՞ղ էր, ― Պիլարը շրջվեց նրա կողմն ու քմծիծաղեց։

― Ոչ այնքան։

― Այդպես էլ կարծում էի, ― ասաց Պիլարը։ ― Այդպես էլ կարծում էի։ Նապաստակիդ քեզ եմ վերադարձնում։ Չէի էլ փորձում խլել նապաստակիդ։ Լավ անուն ես գտել։ Առավոտյան լսեցի, երբ դու նրան այդպես էիր անվանում։

Ռոբերտ Ջորդանն զգաց, որ դեմքը շիկնում է։

― Ծանր, բարդ կին ես, ― ասաց նրան։

― Չէ, ― ասաց Պիլարը։ ― Բայց ինչքան էլ որ պարզ եմ, այնուամենայնիվ ինձ հասկանալը շատ բարդ է։ Իսկ դո՞ւ, Ingles, շատ բարդ չե՞ս։

― Ոչ։ Բայց շատ պարզ էլ չեմ։

― Դու ինձ դուր ես գալիս, Ingles, ― ասաց Պիլարը։ Հետո ժպտաց, կռացավ ու թափ տվեց գլուխը։ ― Ա՛յ, եթե կարողանայի հիմա նապաստակին քեզանից խլել, քեզ էլ նապաստակիցդ։

― Չէիր կարողանա։

― Գիտեմ, ― ասաց Պիլարը և նորից ժպտաց։ ― Ասենք ոչ էլ ցանկություն ունեմ։ Բայց եթե ջահել ժամանակս լիներ, կխլեի։

― Հավատում եմ։

― Հավատո՞ւմ ես։

― Անպայման, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց անիմաստ խոսակցություն է այս ամենը։

― Այս ամենը քեզ նման չէ, ― ասաց Մարիան։

― Այսօր ես առհասարակ այնքան էլ ինձ նման չեմ, ― ասաց Պիլարը։ ― Կամ շատ քիչ եմ ինքս ինձ նման։ Քո այդ կամրջից գլուխս սկսեց ցավել, Ingles:

― Ուրեմն այսուհետև կարող ենք այն անվանել Գլխացավի կամուրջ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց ես այդ կամուրջը թռչունի ջարդված վանդակի նման անդունդն եմ լցնելու։

― Լավ է, ― ասաց Պիլարը։ ― Էլի նման մի բան ասա։

― Այդ կամուրջը կլպած բանանի նման երկու կես եմ անելու։

― Այ, բանան լիներ կուտեի, ― ասաց Պիլարը։ ― Շարունակի՛ր, ասա՛, էլի՛ ասա։

― Բավական է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Դե գնանք ճամբար։

― Դարձյալ քո այդ գործը, ― ասաց Պիլարը։ ― Շատ շուտով դրա էլ ժամանակը կգա։ Ես ասել էի, որ ձեզ առանձին եմ թողնելու։

― Չէ՛։ Անելու շատ բան ունեմ։

― Դա էլ է անելու բան, շատ էլ ժամանակ չի խլի։

― Դե լռի՛ր, Պիլա՛ր, ― ասաց Մարիան։ ― Գռեհիկ բաներ ես ասում։

― Ես գռեհիկ եմ, ― ասաց Պիլարը։ ― Բայց միաժամանակ շատ նրբանկատ եմ։ Soy muy delicada: Ես ձեզ առանձին եմ թողնելու։ Խանդի մասին ասածները հիմարություններ էին։ Խոակինը զայրացրեց ինձ, նրա հայացքից հանկարծ զգացի, թե ինչ տգեղն եմ։ Բայց մի բանի նախանձում եմ, այն, որ դու տասնինը տարեկան ես։ Դա էլ մի բան է, որ կանցնի։ Դու էլ միշտ տասնինը տարեկան չես մնա։ Իսկ հիմա ես գնացի։

Նա վեր կացավ ու ձեռքը մեջքին դրած նայեց Ռոբերտ Ջորդանին, որը նույնպես կանգնել էր։ Մարիան գլխահակ նստել էր ծառի տակ։

― Գնանք իրար հետ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Այդպես ավելի լավ կլինի, անելու շատ բան ունեմ։

Պիլարը գլխով ցույց տվեց Մարիային, որը շրջվել էր ու լուռ նստել։ Կինը ուսերը թեթևակի բարձրացրեց, ժպտաց ու ասաց․

― Ճանապարհը գիտե՞ք։

― Ես գիտեմ, ― ասաց Մարիան առանց գլուխը բարձրացնելու։

― Pues me voy, ― ասաց Պիլարը։ ― Որ այդպես է, ես գնացի։ Գնամ մի համեղ բան պատրաստեմ, որ ընթրիքին ուտես, Ingles:

Ցախիներով ծածկված մարգագետնով կինը քայլեց դեպի առվակը, որը հոսում֊գնում էր ճամբարի կողմը։

― Սպասի՛ր, ― գոռաց նրա ետևից Ռոբերտ Ջորդանը։ ― Ավելի լավ է միասին գնանք։

― Մարիան լուռ նստել էր։

― Պիլարը շրջվեց։

― Que va, միասին։ Ես ձեզ կսպասեմ ճամբարում։

Ռոբերտ Ջորդանը մնաց տեղում կանգնած։

― Մի բան չպատահի՞, ― ասաց Մարիային։ ― Քիչ առաջ իրեն վատ էր զգում։

― Թո՛ղ գնա, ― ասաց Մարիան՝ գլուխը տակավին հակած։

― Ես պետք է հետը գնայի։

― Թո՛ղ գնա, ― ասաց Մարիան։ ― Թո՛ղ գնա։


Գլուխ տասներեքերորդ

Նրանք քայլում էին լեռնային արոտով, և Ռոբերտ Ջորդանը զգում էր սրունքներին կառչող ցախիների ծակոցները, զգում էր ազդրի վրա պատյանով կախված ատրճանակի ծանրությունը, գլխին զգում էր արևի տաքությունը, մեջքին՝ լեռների կատարների ձյան սառնությունը բերող քամու շոյանքը, ափի մեջ՝ աղջկա ձեռքը՝ ամուր, ուժեղ, զգում էր իր մատներին պլլված նրա մատները։ Եվ ափերի այդ սեղմումից, մատների այդ պլլումից, դաստակների հպումից, նրան համակել էր ինչ֊որ բոլորովին նոր, թարմ զգացողություն, որը նման էր ծովի խաղաղ հայելին խորշոմող քամու առաջին քնքուշ շոյանքին, նման էր շրթունքների վրայով սահեցվող փետուրի թեթև հպումին, նման էր ծառից պոկված տերևի անկումին, այն պահին, երբ շուրջը համատարած անդորր է։ Այնքան մեղմ զգացողություն էր դա։ Բայց մատների ամուր պլլումից, ափերի ու դաստակների պինդ սեղմումից այդ զգացողությունն հետզհետե այնպես ուժգնացավ, սաստկացավ, տանջալից, տառապալից դարձավ, որ թվաց, թե էլեկտրական հոսանք անցավ թևի միջով, տարածվեց ամբողջ մարմնում, վերածվեց ցավագին, ամենակուլ մի ցանկության։ Արևն ընկել էր աղջկա ցորենագույն փայլփլող մազերին, ոսկյա, շագանակագույն անուշիկ դեմքին, պարանոցի կորության վրա, և Ռոբերտ Ջորդանը ետ տարավ նրա գլուխը, գրկեց ու համբուրեց։ Աղջիկը դողում էր իր գրկում։ Ավելի ամուր սեղմեց, խակի գույնի զույգ շապիկի տակից զգաց աղջկա փոքրիկ ու ձիգ կրծքերն իր կրծքավանդակին, ձեռքը տարավ, քանդեց շապկի կոճակները, կռացավ, համբուրեց, աղջիկը կանգնել էր դողով բռնված, գլուխը ետ գցած, ձեռքերը՝ կախ։ Հետո աղջկա կզակը հպվեց իր գլխին, նա ափերի մեջ առավ իր գլուխն ու ձգեց իրեն։ Ռոբերտ Ջորդանն ուղղվեց, երկու թևերով ամուր գրկեց աղջկան, պոկեց գետնից, զգաց դողդողացող աղջկա շրթունքներն իր վզին, հետո դրեց գետնին ու ասաց․

― Մարի՛ա, օ՜ իմ Մարիա։

Հետո ասաց․

― Ո՞ւր ենք գնալու։

Աղջիկը լուռ ձեռքը տարավ և սկսեց քանդել Ռոբերտ Ջորդանի վերնաշապկի կոճակներն ու ասաց․

― Ես էլ քեզ։ Ես էլ քեզ եմ ուզում համբուրել։

― Ոչ, փոքրիկ նապաստակ։

― Այո՛։ Այո՛։ Ամեն ինչ, ճիշտ այնպես, ինչպես դու։

― Չի լինի։ Դա հնարավոր չէ։

― Լավ, եթե այդպես է։ Հետո։ Հետո։

Հետո տրորված ցախիկի բույրը եղավ, եղան աղջկա գլխատակին ջարդոտված ցողունների ծակծկոցները, եղան արևի ճառագայթները նրա փակ կոպերի վրա, և Ռոբերտ Ջորդանն ամբողջ կյանքում հիշելու է աղջկա պարանոցի աղեղը, ցախիների մեջ ետ գցած նրա գլուխը, թեթևակի, իրենք իրենց շարժվող շրթները և արևի դեմ, ամեն ինչի դեմ փակված աչքերի վրա թրթռացող թարթիչները։ Աղջկա կոպերի տակ հիմա ամեն ինչ կարմիր էր, նարնջագույն, ոսկեկարմիր, ամեն ինչ՝ և՛ լիանալը, և՛ տիրանալը, և՛ ունենալը, ամեն ինչ այդ գույնն ուներ, այդ կուրացնող գույնը։ Իր համար դա մի մթին անցուղի էր, որը տանում էր դեպի ոչ ուր, հետո դարձյալ ոչ ուր, ու նորից ոչ ուր, և կրկին ու դարձյալ ոչ ուր, միշտ ու անվերջ ոչ ուր, արմունկները խրված հողի մեջ նա գնում էր ոչ ուր, և այդ երթը վախճան չուներ, հավերժական էր, ուժերից վեր, վեր, և շարունակում էր նա գնալ ոչ ուր, ու հանկարծ այդ այրող, լիովին նրան գերած դեպի ոչ ուր տանող այդ խավարը ցրվեց, և ժամանակը կանգ առավ, ու հիմա երկուսով էին, միայնակ, այդ կանգ առած ժամանակի մեջ, ու Ռոբերտ Ջորդանն զգաց, որ երկիրը շարժվեց, ճոճվեց իրենց տակ։

Հետո նա պառկեց կողքի վրա, գլուխը ցախիների մեջ, ռունգերը լցված ցախու, արմատների ու հողի բույրով, իսկ արևն ընկել էր չոր ցողուններից քերծված նրա մերկ ուսերին ու լանջերին, աղջիկը պառկել էր դիմացը, նրա աչքերը տակավին փակ էին, հետո նա բարձրացրեց կոպերն ու ժպտաց։ Հոգնած ու հեռվից եկող, բայց քնքուշ ձայնով Ռոբերտ Ջորդանն ասաց․

― Ողջո՛ւյն, նապաստակ։

Աղջիկը ժպտաց և շատ մոտիկից եկող ձայնով ասաց․

― Ողջո՛ւյն, իմ Ingles:

― Ես Ingles չեմ, ― ասաց նա ծույլ֊ծույլ։

― Ingles ես, Ingles, ― ասաց աղջիկը։ ― Դու իմ Ingles֊ն ես, ― և ձեռքերը տարավ, բռնեց նրա զույգ ականջներն ու համբուրեց ճակատը։ ― Ահա այսպես, ― ասաց նա։ ― Ո՞նց է։ Արդեն ավելի լավ եմ համբուրում, չէ՞։

Հետո կողք֊կողքի քայլեցին առվի եզերքով։

― Մարիա՛, ես քեզ սիրում եմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ― դու այնքան անուշիկ ես, այնքան հիանալի, այնքան գեղեցիկ, ինձ թվում է, թե կմեռնեմ քեզ սիրելիս։

― Օ՜, ― ասաց աղջիկը։ ― Ես ամեն անգամ մեռնում եմ։ Դու չե՞ս մեռնում։

― Ո՛չ։ Համարյա ոչ։ Իսկ դու զգացի՞ր, թե ինչպես երկիրը շարժվեց, ճոճվեց։

― Այո՛։ Երբ ես մեռնում էի։ Գրկի՛ր ինձ, խնդրում եմ։

― Ո՛չ։ Ձեռքդ բռնել եմ՝ բավական է։

Նա նայեց աղջկան, հետո մարգագետնից դենը՝ որսի դուրս եկած ուրուրին, լեռներից շարժվող իրիկնային թանձր ամպերին։

― Ուրիշների հետ այդպիսի բան չե՞ս զգում, ― հարցրեց Մարիան։ Նրանք հիմա իրար ձեռք բռնած քայլում էին։

― Ոչ։ Իսկապես։

― Շատերի՞ն ես սիրել։

― Եղել են։ Բայց ոչ մեկին այնպես չեմ սիրել, ինչպես քեզ։

― Եվ այսպես չի՞ եղել։ Ճիշտն ասա։

― Հաճելի է եղել, բայց այսպես չի եղել։

― Եվ հետո երկիրը շարժվեց, ճոճվեց։ Իսկ առա՞ջ, երբեք չի՞ շարժվել, չի՞ ճոճվել։

― Ո՛չ։ Իսկապես, երբեք։

― Այո՛, ― ասաց աղջիկը։ ― Եվ մենք ընդամենը մի օր ենք ունեցել։

Ռոբերտ Ջորդանը լուռ էր։

― Բայց ունեցել ենք, եղել է այդ օրը, ― ասաց Մարիան։ ― Իսկ ես դուր գալի՞ս եմ քեզ։ Դուր գալի՞ս եմ։ Ես հետագայում կսիրունանամ։

― Դու հիմա էլ շատ գեղեցիկ ես։

― Ո՛չ, ― ասաց նա։ ― Ձեռքդ դիր գլխիս։

Նա ձեռքը դրեց աղջկա գլխին, սկսեց շոյել և զգաց, թե ինչպես նրա կարճ, փափուկ ու սահուն մազերը դուրս էին թռչում մատների արանքներից, հետո մյուս ձեռքն էլ տարավ գլխին, դեմքը շրջեց իրեն ու համբուրեց։

― Համբուրել շատ եմ սիրում, ― ասաց աղջիկը։ ― Բայց չեմ կարողանում լավ համբուրել։

― Դրա կարիքը դու չունես։

― Ո՛չ, ունեմ։ Եթե ես քո կինն եմ լինելու, պետք է կարողանամ ամեն կերպ քեզ դուր գալ։

― Դու ինձ ինչքան որ պետք է դուր ես գալիս։ Ավելի շատ դուր գաս որ ի՞նչ։

― Դու դեռ կտեսնես, ― ուրախ ասաց աղջիկը։ ― Հիմա քեզ համար զվարճալի է, որ մազերս այսպես կարճ են։ Շուտով այնքա՜ն կերկարեն, ու ես այլևս այսպիսի տգեղ տեսք չեմ ունենա, և դու ինձ թերևս շատ սիրես։

― Դու հրաշալի մարմին ունես, ― ասաց նա։ ― Աշխարհի ամենահրաշալի մարմինը։

― Ոնց որ երեխա աղջկա մարմին լինի, լղար։

― Ո՛չ։ Գեղեցիկ մարմնի մեջ ինչ֊որ կախարդող բան կա։ Չգիտեմ ինչից է, որ մեկի մոտ այդ բանը կա, իսկ մի ուրիշի՝ ոչ։ Բայց դու ունես։

― Քեզ համար է այդպես, ― ասաց աղջիկը։

― Ո՛չ։

― Այո՛։ Քեզ համար, և միշտ էլ քեզ համար, միայն քեզ համար։ Բայց դա դեռ շատ քիչ է քեզ համար։ Ես դեռ կսովորեմ շատ ավելի լավ սիրել քեզ։ Բայց ճիշտն ասա։ Առաջ էլ զգացե՞լ էիր երկրի շարժումը։

― Երբեք, ― ասաց նա։ Եվ նա ճիշտ էր ասում։

― Հիմա ես երջանիկ եմ, ― ասաց աղջիկը։ ― Հիմա ես իսկապես երջանիկ եմ։ Իսկ դու ինչ֊որ ուրիշ բանի մասին ես մտածում հիմա։

― Այո՛։ Գործիս։

― Ես կուզեի, որ հիմա ձիեր լինեին, ― ասաց Մարիան, ― և ես, այսպես երջանիկ, հեծած լինեի մի ձիու ու սլանայի, և դու լինեիր կողքիս, սլանայիր արագ, շատ արագ, քառատրոփ, որպեսզի երջանկությունս երբեք ինձնից առաջ չանցներ։

― Կարող ենք օդանավ նստել, որպեսզի երջանկությունդ քեզնից առաջ չանցնի, ― ասաց Ռոբերտ Ջորդանն արդեն խորասուզված իր խոհերի մեջ։

― Եվ թռչել երկնքում, դեպի վեր, միշտ դեպի վեր, փոքրիկ արևի տակ փայլփլող հետապնդիչ ինքնաթիռների նման, և պտույտներ տալ, թավալ գալ օդում։ Que bueno,[48] ― ասաց աղջիկն ու ծիծաղեց։ ― Երջանկությունս չի էլ նկատի այդ ամենը։

― Լավ պինդն է այդ երջանկությունդ, ― ասաց Ռոբերտ Ջորդանն՝ արդեն համարյա չլսելով աղջկան։ Որովհետև նա հիմա այդտեղ չէր։ Քայլում էր աղջկա կողքով, բայց միտքը կամրջով էր զբաղված, հիմա այնպես հստակ, որոշակի ու ցայտուն էր նրան երևում ամեն ինչ, ասես լուսանկարչական ապարատի ֆոկուսի մեջ ընկած պատկեր։ Նա տեսնում էր երկու պահակակետերը, տեսնում էր Անսելմոյին ու գնչուին, որոնք հետևում էին ճանապարհի անցուդարձին։ Տեսնում էր ճանապարհը, զորքերի շարժումը։ Տեսնում էր այն ամենահարմար կետը, որտեղ տեղադրելու էր գնդացիրները, որպեսզի կրակի տակ առնի թշնամուն։ Իսկ ո՞վ է կրակելու դրանցից, մտածեց նա։ Վերջում՝ ես, իսկ սկզբո՞ւմ։ Նա մտովի տեղադրեց դինամիտները, ամրացրեց, կապեց իրար, հրապատիճները դրեց իրենց տեղերը, քաշեց լարերը, ծայրերը միացրեց ու եկավ դետոնատորի մաշված արկղի մոտ և սկսեց մտածել հնարավոր պատահականությունների մասին, որոնք կարող են փչացնել ամբողջ գործը։ Վերջացրո՛ւ, ասաց ինքն իրեն։ Հենց նոր սեր արեցիր այս աղջկա հետ, հիմա ուղեղդ պայծառ֊պայծառ է, և սկսում ես տագնապել։ Մի բան է մտածելը, թե ինչ պետք է անես, բոլորովին այլ բան է տագնապելը։ Մի՛ տագնապիր։ Դու պետք չէ տագնապես։ Դու գիտես, թե ինչ ես անելու, գիտես նաև, թե ինչ կարող է պատահել։ Անշուշտ, կարող է պատահել։

Դու սա հանձն առար, լավ իմանալով, թե հանուն ինչի ես մարտնչում։ Դու մարտնչում ես հենց այն բանի դեմ, ինչ ինքդ ես անում և ստիպված ես անելու, որպեսզի հաղթանակը հնարավոր դառնա։ Քեզ համար սիրելի այս մարդկանց դու հիմա օգտագործելու ես ճիշտ այնպես, ինչպես զինվորներին, որոնց նկատմամբ ոչ մի զգացմունք չեն տածում, նրանք պետք են միայն ու միայն հաջողության հասնելու համար։ Պաբլոն, այո, բոլորից խելացի է։ Նա անմիջապես կռահեց, թե ինչպիսի վատ հետևանքներ կարող են լինել։ Կինն ամբողջ էությամբ կանգնած էր այս գործի կողմը, հիմա էլ տակավին շարունակում է այդպես մնալ, բայց հետզհետե սկսում է պատկերացնել, թե ինչն ինչոց է։ Սորդոն տեղնուտեղն հասկացավ բանի էությունը, բայց կմասնակցի, թեև դա նրան, ինչպես որ Ռոբերտ Ջորդանին, առանձնապես դուր չի գալիս։

Ուրեմն ասում ես, որ դու ոչ թե քո մասին ես մտածում, այլ կնոջ, աղջկա և մյուսների։ Դե լավ։ Իսկ ի՞նչ կպատահեր նրանց, եթե դու չգայիր։ Ինչե՞ր են պատահել նրանց և ինչե՞ր են տեղի ունեցել այստեղ մինչև քո գալը։ Ո՛չ, պետք չէ այդ ձևով մտածել։ Դու նրանց համար պատասխանատու չես կամ պատասխանատու ես միայն այնքանով, որ մասնակցում են այս գործին։ Հրամանը դու չես արձակել։ Հրամանն արձակել է Գոլցը։ Իսկ ո՞վ է Գոլցը։ Լավ զորավար։ Լավագույնն այն բոլորի մեջ, որոնց հրամանատարության տակ դու ծառայել ես։ Բայց արդյո՞ք պիտի կատարել այն հրամանները, որոնց իրականացումը անհնար է, և գիտես, թե ինչի են հասցնելու, թեկուզ եթե այդ հրամանն արձակողը Գոլցը լինի, որը ոչ միայն բանակի հրամանատարության, այլ նաև կուսակցության ներկայացուցիչն է։ Այո՛։ Պետք է կատարել, որովհետև միայն կատարելով կարելի է ապացուցել, որ դա անհնար է։ Եվ ի՞նչ տեղի կունենար, եթե յուրաքանչյուր ոք հրաման ստանալիս ասեր, թե իրագործումն անհնար է։ Ո՞ւր կհասնեինք, եթե ամենքս մի բերան ամեն մի հրամանի առթիվ «ահնար է» ասեինք։

Այնքա՜ն հրամանատարների էր հանդիպել արդեն, որոնց համար բոլոր հրամանների իրագործումը անհնար էր։ Դիցուք այդ խոզ Գոմեսը, Էսթրեմադուրայում։ Այնքան հարձակումների էր մասնակցել, երբ թևերն անշարժ մնացել էին իրենց տեղերում, որովհետև մտածել էին, թե առաջ շարժվելն անհնար է։ Ո՛չ, ինքը կանի, ինչ հրամայված է, թեև, ի դժբախտություն իրեն, սիրում է այն մարդկանց, որոնք իր հետ միասին կատարելու են այդ հրամանը։

Պարտիզաններն իրենց գործողություններով միշտ նորանոր վտանգներ ու դժբախտություններ են բերել այն մարդկանց գլխին, որոնք պատսպարել ու գործակցել են նրանց։ Հանուն ինչի՞։ Հանուն այն բանի, անշուշտ, որ այլևս վտանգներ չլինեն, որ բոլորի համար էլ լավ լինի այս երկրում ապրելը։ Ինչքան էր ծեծված, հանրահայտ խոսքեր լինեն սրանք, միևնույն է, ճշմարիտ են։

Եթե Հանրապետությունը պարտվի, բոլոր այն մարդկանց համար, ովքեր հավատացել են նրան, անհնար է դառնալու Իսպանիայում ապրելը։ Բայց իրո՞ք։ Այո՛, անհնար է դառնալու, նա տեսել էր, թե ինչեր են կատարվել երկրի այն շրջաններում, որոնք ընկել էին ֆաշիստների տիրապետության տակ։

Պաբլոն խոզ է, բայց մնացածները հիանալի մարդիկ են, և մի՞թե դավաճանություն չէ նրանց այս գործի մեջ ներքաշելը։ Թերևս այո, բայց եթե չանեն էլ այս գործը, միևնույն է, մի շաբաթից հետո երկու հեծելավաշտ գալու է ու ոչնչացնելու նրանց։

Չէ՛։ Ոչ մի բան չես շահի նրանց հանգիստ թողնելով։ Գուցե միայն այն, որ կպահպանվի սկզբունքը՝ ամեն մի մարդ իր գլխի տերն է և ոչ ոք չպետք է միջամտի նրա գործերին։ Ուրեմն այդպես է կարծում, հա՞։ Այո՛, այդպես է կարծում։ Հապա պլանավորված հասարակությո՞ւնը, մնացա՞ծը։ Դա իր բանը չէ, թող ուրիշները դրա մասին հոգան։ Պատերազմից հետո ինքը ուրիշ գործով է զբաղվելու։ Հիմա եկել ու կռվում է այստեղ, որովհետև այս պատերազմը տեղի է ունենում այն երկրում, որն իրեն սիրելի է, որովհետև ինքը հավատում է Հանրապետությանը, և եթե խորտակվի, կյանքն անտանելի է դառնալու այն մարդկանց համար, ովքեր հավատացել են Հանրապետությանը։ Պատերազմի ընթացքում ինքնակամ ենթարկվեց կոմուսնիստական կարգապահության։ Այստեղ, Իսպանիայում, կոմունիստները ցույց տվեցին, որ լավագույն կարգապահությունը, ամենաառողջ և ամենաողջախոհ ռազմավարական արվեստը իրենցն է։ Պատերազմի ժամանակաշրջանի համար ընդունել էր նրանց կարգապահությունը, որովհետև ռազմական գործում դա միակ կուսակցությունն էր, որի ծրագրին ու կարգապահությանը կարող էր հարգանքով վերաբերվել։

Իսկ իր քաղաքական համոզմունքնե՞րը։ Առայժմ ոչ մի համոզմունք չունի, ասաց ինքն իրեն։ Բայց այդ մասին պետք չէ ոչ ոքի ասել, մտածեց նա։ Առհասարակ այդ միտքը ուղեղիցդ հանիր֊գցիր։ Իսկ ի՞նչ ես հետագայում անելու։ Գնալու եմ և նախկինի նման իսպաներեն դասավանդելով վաստակելու եմ օրվա ապրուստս ու գրելու եմ ճշմարտապատում մի գիրք։ Անպայման գրելու եմ, ասաց նա։ Գրազ կգամ, շատ հեշտ կգրեմ այդ գիրքը։

Արժեր Պաբլոյի հետ մի քիչ քաղաքականությունից զրուցել։ Հետաքրքիր է, թե ինչ ուղղությամբ է ընթացել նրա քաղաքական հայացքների զարգացումը։ Հավանաբար ձախից աջ, դասական տեղաշարժի կանոններով, ինչպես ծերուկ Լեռուինը։ Պաբլոն շատ է նման Լեռուին։ Նույնքան վստահ էր նաև Պրիետոն։ Ե՛վ Պաբլոն, և՛ Պրիետոն հավասարապես հավատում են վերջնական հաղթանակին։ Դրանց բոլորի քաղաքական հայացքներն էլ ձիագողի են։ Հանրապետական կառավարման ձևին ես կողմ եմ, բայց պետք է ազատվել ձիագողերի այս հրոսակախմբից, որը խռովության նախօրյակին երկիրը բերեց ու կանգնեցրեց անդունդի եզրին։ Եղե՞լ է արդյոք ուրիշ մի երկիր ևս, որի առաջնորդները, ինչպես սրանք, իրենց ժողովրդի ոխերիմ թշնամիները լինեին։

Ժողովրդի թշնամիներ։ Կարելի է խուսափել այդ արտահայտությունից։ Մաշված արտահայտություն է, ավելի լավ է թռչես վրայից։ Ահա և Մարիայի հետ պառկելու արդյունքը։ Դարձել է անհանդուրժող, քաղաքական նեղմիտ հայացքների տեր մարդ, ոնց որ հաստակող բապտիստ և «ժողովրդի թշնամի» կամ նման արտահայտություններն սկսել են իրենք իրենց, անքննադատ խուժել ուղեղը։ Ինչ֊որ cliche֊ներ՝ հեղափոխական, հայրենասիրական։ Գործածում է, ոչ մի քննադատական վերաբերմունք։ Բանն այն չէ, որ դրանք ճիշտ չեն, այլ այն, որ շատ հեշտ են դուրս թռչում բերանից։ Բայց անցյալ գիշերվանից ու քիչ առաջ տեղի ունեցածից հետո այս հարցերն ավելի պայծառ ու հստակ է սկսել պատկերացնել։ Տարօրինակ բան է մոլեռանդությունը։ Մոլեռանդ լինելու համար պետք է բացարձակապես համոզված լինես, որ դու իրավացի ես, իսկ ոչ մի բան այնպես չի ամրացնում համոզվածության և իրավացիության այդ զգացումը, ինչպես ժուժկալությունը։ Ժուժկալությունն է հերձվածողության հակադիր ուժը։

Տեսնես այս դրույթը քննության կդիմանա՞։ Հավանաբար սա է պատճառը, որ կոմունիստները մարտնչում են բոհեմականության դեմ։ Անկցի բոհեմականությունը՝ Մայակովսկու մեղքը։

Բայց Մայակովսկին նորից է սրբերի շարքն անցել։ Դե որովհետև անվտանգ ննջեցյալ է արդեն։ Ինքդ էլ շուտով անվտանգ ննջեցյալ կդառնաս, ասաց ինքն իրեն։ Վերջ տուր նման մտքերին։ Մտածիր Մարիայի մասին։

Մարիան շատ ծանր փորձություն էր իր մոլեռանդության համար։ Առայժմ աղջիկը չէր սասանել իր վճռականությունը, բայց արդեն գերադասում էր չմեռնել։ Հիմա ուրախությամբ կհրաժարվեր հերոսի կամ նահատակի վախճանից։ Հիմա ո՛չ Թերմոփիլեսի հերոս է ուզում դառնալ, ո՛չ Հորացիոս ինչ֊որ կամրջի վրա, ո՛չ էլ ամբարտակի բացվածքը մատով խցանած հոլանդացի մանչուկ։ Ո՛չ։ Նա գերադասում էր ինչքան կարելի է երկար լինել Մարիայի հետ։ Պարզապես այսքան մի բան։ Ուզում էր երկար, երկար ժամանակ լինել նրա հետ։

Նա չէր հավատում, որ այդպիսի երկար ժամանակ կլինի, բայց եթե երբևիցե լիներ, նա պիտի ուզեր անցկացնել այն Մարիայի հետ։ Կգնայինք պանդոկ և կգրանցվեինք, դիցուկ, որպես դոկտոր և տիկին Լիվինգստոններ, մտածեց նա։

Իսկ ինչո՞ւ չամուսնանալ նրա հետ։ Իսկապես, ինչո՞ւ, մտածեց նա։ Կամուսնանամ։ Կդառնանք տեր ու տիկին Ռոբերտ Ջորդան Սան֊Վելիից, Այդահոյի նահանգ։ Կամ Կորպուս Քրիստիից, Տեխասի նահանգ, կամ Բյուտից, Մոնտանայի նահանգ։

Իսպանուհիները հիանալի կին են լինում։ Ես դա գիտեմ, թեև երբեք չեմ ունեցել։ Եվ երբ նորից անցնեմ իմ պաշտոնին, նա կդառնա համալսարանի դասատուի կին, և չորրորդ տարվա ուսանողները կայցելեն մեզ երեկոյան՝ ծխամորճ ծխելու և ոչ պաշտոնական հանգամանքներում դատողություններ անելու Քևեդոյի, Լոպե դե Վեգայի, Գալդոսի և մյուս հրաշալի ննջեցյալների մասին, այն ժամանակ Մարիան կարող է նրանց պատմել, թե ինչպես ճշմարիտ հավատի կապույտ֊շապկավոր խաչակիրներից մեկը նստեց իր գլխին, մյուսները ոլորեցին թևերը, փեշերը բարձրացրին ու խցկեցին բերանը։

Տեսնես ինչպե՞ս կընդունեն Մարիային Միսուլայում, Մոնտանայի նահանգում։ Եթե, անշուշտ, կարողանամ վերստին աշխատանքի անցնել Միսուլայում։ Կարծում եմ, որ հիմա ինձ վերջնականապես սև ցուցակում են գրանցել որպես կարմիր։ Բայց թե ի՞նչ իմանաս։ Երբեք չես կարող ասել։ Ախր նրանք ոչ մի փաստ չունեն այստեղի քո գործունեության մասին և եթե պատմես էլ, միևնույն է, չեն հավատա, բացի այդ՝ դու Իսպանիա մեկնելու վիզա ստացել ես մինչև սահմանափակումները։

Վիզայիս ժամկետը լրանում է երեսունյոթի աշնանը։ Եկել եմ երեսունվեցի ամռանը։ Արձակուդս մեկ տարով է, բայց աշխատանքի պարտավոր եմ ներկայանալ ուսումնական նոր տարվա սկզբին։ Դեռ երկար ժամանակ կա մինչև աշուն։ Ասենք եթե գործը դրան հասավ, այսօրվա և վաղը չէ մյուս օրվա համար մտահոգվելու կարիք չկա։ Աշնանը կվերադառնա, և ամեն ինչ կկարգավորվի։ Միայն թե չուշանա։

Բայց, այնուամենայնիվ, շատ երկար ժամանակ է արդեն, որ տարօրինակ կյանք ես վարում։ Մեռնեմ թե տարօրինակ չէ։ Իսպանիան քո մասնագիտությունն է, քո գործը, այնպես որ Իսպանիայում քո գտնվելը և՛ բնական էր, և՛ բանական։ Ամառային արձակուրդներին աշխատել ես ինժեներական նախագծերի, անտառային ճանապարհների շինարարության վրա, հրետանային պարկում, վառոդի հետ ես գործ ունեցել, այնպես որ, եթե այսօր պայթեցումներով ես զբաղվում, դա էլ է բնական ու բանական։ Միայն թե այս գործում պետք է միշտ աճապարես, այլապես լավ գործ է։

Եթե պայթեցումն ընդունես որպես սոսկ տեխնիկական խնդիր, ապա այդտեղ ոչ մի արտակարգ բան չկա։ Բայց կա խնդրի մյուս երեսը, և, աստված իմ, այդ ինչքան հեշտ ու հանգիստ ստանձնեցիր դու այդ գործը։ Ամեն մի պայթեցում նախագծելիս, դու սպանության լավագույն տարբերակ ես որոնում, որովհետև սպանությունը պարտադիր հանգամանք է այդ գործում։ Եվ արդյո՞ք մեծ֊մեծ բառերը կարող են արդարացում լինել։ Մի՞թե այդ խոսքերից սպանության տեսքն ավելի հաճելի կդառնա։ Եթե անկեղծ լինենք, դու ինչ֊որ շատ պատրաստակամորեն հանձն առաջ այս գործը։ Իսկ ինչի՞ նման կլինես, կամ, ավելի ճիշտ, ի՞նչ բանի պետք կգաս, երբ ծառայությունդ ավարտես Հանրապետությունում։ Դժվար է կռահել, մտածեց նա։ Բայց կարծում եմ մի միջոց կա այս ամենից ազատվելու, դա այս ամենի մասին գրելն է, ասաց ինքն իրեն։ Երբ գրես֊վերջացնես, ամեն ինչ կանցնի֊կգնա։ Եթե կարողանաս գրել, լավ գիրք կլինի։ Շատ ավելի լավ, քան այն մեկը։

Իսկ առայժմ դու ապրում ես ու ապրելու ես այսօրով, այս գիշերով և վաղվա օրով․ այսօրով, այս գիշերով ու վաղվա օրով․ և դարձյալ ու դարձյալ (հուսով եմ), մտածեց նա, այնպես որ՝ լավ կանես ինչ կարող ես, այն էլ վերցնես քեզ վիճակված կյանքի այս ժամանակից ու շնորհակալ լինես դրա համար։ Իսկ եթե կամրջի գործը վատ վախճան ունենա՞։ Առայժմ չի երևում, որ այնքան էլ լավ վախճան կունենա։

Բայց Մարիան լավն էր։ Լա՞վն էր որ։ Ո՞նց թե, դա խո՞սք է, մտածեց նա։ Գուցե միայն դա է մնացել, որ ես վերցնեմ կյանքից։ Գուցե հենց սա է իմ կյանքը՝ յոթանասուն տարվա փոխարեն քառասունութ ժամ, կամ յոթանասուն, ավելի ճիշտ, յոթանասուներկու։ Երեք օր քսանչորսով կանի յոթանասուներկու ժամ։

Կարծում եմ, որ հնարավոր է յոթանասուն ժամում այնպիսի լեցուն կյանք ապրել, ինչ յոթանասուն տարում, եթե, իհարկե, մինչև այդ յոթանասուն ժամը լեցուն կյանք ես ապրել և որոշակի տարիքի հասել։

Այ թե անհեթեթություններ եմ դուրս տալիս, մտածեց նա։ Ինչի ասես կարող ես հասնել քեզ ու քեզ այսպես տալով֊առնելով։ Իսկական անհեթեթություն։ Բայց ինչո՞ւ է անհեթեթություն։ Դե լավ, դեռ կտեսնենք։ Վերջին անգամ Մադրիդում էր, որ մի աղջկա հետ պառկեցի։ Չէ, Մադրիդում չէր, Էսկորիալում էր, և բավական հաճելի էր, եթե մի կողմ դնենք այն, որ գիշերվա կեսին արթնացել էի ու գրգռված տակնուվրա էի անում հիշողությանս մոխիրները իմանալու համար, թե ով է պառկած կողքիս։ Դրանից առաջ էլ Մադրիդում էր, և եթե ճիշտն ասենք, ամեն անգամ էլ նույնն է եղել, նույնիսկ ավելի վատ։ Ասածս այն է, որ ես իսպանացի կանանց գովքը անող ռոմանտիկներից չեմ և ավելի մեծ արժեք չեմ տալիս այս երկրում ունեցած իմ պատահական հանդիպումներին մի ուրիշ երկրում ունեցածներից։ Բայց ահա Մարիային այլ կերպ եմ սիրում, այնպես եմ սիրում, որ երբ հետն եմ լինում, թվում է, թե ուզում եմ այդպես էլ, տառացիորեն, մեռնել։ Երբեք չէի հավատա կամ մտածի, որ կարող է ինձ նման բան պատահել։

Այնպես որ, եթե հարկ լինի, յոթանասուն տարիս յոթանասուն ժամով փոխարինելու, ես հիմա արդեն փոխանակային արժեք ունեմ և երջանիկ եմ, որ գիտեմ, թե դա ինչն է։ Եվ եթե ինձ համար արդեն գոյություն չունեն այսպես կոչված երկար տարիներ, խոր ծերություն, հավիտյանս հավիտենից հասկացությունները, այլ կա միայն հիման, այս պահը, ուրեմն պետք է գնահատել հիման, և ես երջանիկ եմ հիմա, այս պահով։ Հիմա, ahora, maintenant, heute: Հիմա, տարօրինակ բան, այս հասկացության մեջ ամբողջ աշխարհն է ամփոփված, և կյանքդ։ Esta noche, այս գիշեր, ce soir, heute abend: Կյանք ու կին, vie և mari: Չեղավ, ֆրանսերենում կնոջ փոխարեն դուրս եկավ ամուսին։ Հիմա գանք Frau֊ին։ Բայց սրան առավել ևս դժվար է համահունչ բառ ճարելը։ Վերցնենք «մահացածը», mort, muerto և todt: Այս բոլորի մեջ ամենամահացածը todt֊ն է։ Պատերազմ, guerre, guerra և Krieg: Krieg֊ը ամենից ավելի է պատերազմ հիշեցնում։ Այդպե՞ս է։ Թե՞ թվում է, որովհետև գերմաներեն ավելի վատ գիտի։ Սիրելի, cherie, prenda և schatz: Այդ բոլորի փոխարեն կարող է ասել Մարիա։ Ա՛յ, անուն է։

Այդ այդպես, իսկ հիմա պիտի հանձնարարություն արվի, և դա պիտի անեն բոլորը միասին, շատ քիչ ժամանակ է մնացել։ Ինչքան պահը մոտենում է, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ այս գործը գլուխ բերելը հեշտ չէ։ Առավոտյան պայթեցնել նշանակում է մինչև մութն ընկնելը դիմադրել, որպեսզի կարողանա քաշվել ճամբար։ Խելքի մոտ բան չէ։ Իսկ եթե փորձենք, այնուամենայնիվ, ցերեկով նահանջել։ Ի՞նչ ես կարծում, հը՞։ Խեղճ Սորդո, նա նույնիսկ մի կողմ էր դրել կցկտուր, պոչատ իսպաներենն ու սկսել էր հանգամանորեն քեզ բացատրել, թե ինչն ինչոց է։ Բայց մի՞թե Գոլցից բաժանվելուց հետո անընդհատ դա չի եղել քո ուղեղում, երբ մեն֊մենակ ես մնացել քո չարագուշակ խոհերի հետ։ Մի՞թե դա չէ, որ երեկ չէ առաջին օրվանից տանջում է քեզ կոկորդում մնացած պատառի նման։

Տարօրինակ է։ Ամբողջ կյանքիդ ընթացքում ամեն մի նոր գործ ձեռնարկելիս թվացել է, թե այս մեկն ինչ֊որ նշանակություն ունի, բայց հասել ես ավարտին ու տեսել, որ սա էլ նույնն է, ոչ մի իմաստ։ Իսկ այս անգամ ոչ մի նման ակնկալություն չունեիր։ Դու արդեն մտածում էիր, որ նման բան երբեք չի լինի։ Եվ ահա, մի հիմար ներկայացման ժամանակ, երբ պարտիզանական երկու խեղճուկրակ խմբի օժանդակությամբ, հաջողության ոչ մի հույս չներշնչող հանգամանքներում պատրաստվում էիր պայթեցնելու մի կամուրջ, որպեսզի թշնամին հնարավորություն չունենա հակագրոհի, որը, ամենայն հավանականությամբ արդեն սկսվել էր, հանդիպեցիր մի աղջկա՝ Մարիային։ Դե ի՞նչ։ Դա չէ՞ր սպասածդ։ Միայն թե ուշ հանդիպեցիր նրան։

Աղջկան փաստորեն Պիլարը հրեց֊դրեց ննջապարկդ։ Ասենք թե, իսկ դրանից հետո ի՞նչ պատահեց։ Այո՛, ի՞նչ պատահեց։ Ասա՛, խնդրում եմ, ի՞նչ պատահեց։ Այո՛։ Պատահեց հենց այն։ Ճիշտ և ճիշտ այն, ինչ պատահեց։

Դե էլ մի՛ խաբիր ինքդ քեզ, թե այս ամենն իբր Պիլարի հրել֊գցելն էր։ Մի՛ խաբիր, ոչ էլ ասա, թե դատարկ կամ էլ զզվելի բան է։ Դու, ախր, հենց առաջին րոպեից, որ տեսել էիր աղջկան, արդեն կորցրել էիր գլուխդ։ Երբ աղջիկն առաջին անգամ բացել էր բերանն ու խոսել, դու հալվել էիր, և դու շատ լավ գիտես դա։ Հիմա, որ այդ բանը տեղի է ունեցել, թեև քո մտքով երբեք չէր անցնում, որ տեղի կունենա, իմաստ չունի դրա վրա ցեխ շպրտելը, մանավանդ որ գիտես, թե դա ինչ է նշանակում քեզ համար, գիտես հենց այն րոպեից, երբ եկաթյա տապակը ձեռքին աղջիկը դուրս եկավ քարայրից։

Այդ պահից դու խոցված էիր, և դու գիտես․ էլ ինչո՞ւ ուրեմն ստել։ Ներսդ ամբողջ տակնուվրա էր լինում ամեն անգամ, երբ նայում էիր աղջկան, կամ էլ երբ նա էր քեզ նայում։ Ինչո՞ւ չես ուզում ընդունել։ Լավ։ Ընդունում եմ։ Իսկ ինչ վերաբերում է Պիլարի հրել֊գցելուն, դա խելացի կնոջ արարք էր։ Նա ուշի֊ուշով հետևում էր աղջկան, և նրա համար ամեն ինչ պարզ էր դարձել, երբ աղջիկը տապակը ձեռքին վերադարձել էր քարայր։

Պիլարը դյուրացրեց գործը։ Նա գործը դյուրացրեց, և արդյունքն եղավ երեկվա գիշերը, եղավ այսօրվա հետմիջօրեն։ Ահավոր բանիմաց կին է, շատ ավելի, քան դու։ Նա գիտի ժամանակի արժեքը։ Այո, պետք է ընդունել, որ նա բավական լավ գիտի ժամանակի արժեքը։ Նա տառապել է, կորցրել է, և հիմա չի ուզում, որ ուրիշներն էլ կորցնեն, բայց միաժամանակ շատ դժվար է նրա համար կորցրած լինելու գաղափարի հետ հաշտվելը։ Նա շատ է տառապել այս սարերում, իսկ մենք չեմ կարծում, որ ինչ֊որ չափով թեթևացրինք նրա տառապանքը։

Եվ այսպես, պատահեց այն, ինչ պատահելու էր, իսկ մենք՝ Մարիան ու ես, նույնիսկ երկու լրիվ գիշեր չունենք մեր տրամադրության տակ։ Ոչ թե մի ողջ կյանք, ոչ թե համատեղ կյանքի երկարատև մի շրջան, որ մարդիկ որպես մաղթանք ասում են իրար, ո՛չ, բոլորովին։ Մի գիշերն արդեն անցել է, անցել է և այսօրվա հետմիջօրեն, մնացել է այս գիշերը, որը կարող է և չլինել։ Այո՛ տեր իմ։

Ո՛չ կյանք, ո՛չ երջանկություն, ո՛չ զվարճություն, ո՛չ երեխաներ, ո՛չ տուն, ո՛չ լոգարան, ո՛չ իսկ մի ձեռք մաքուր պիժամա, ո՛չ առավոտյան լրագրեր, չենք արթնանա նույն անկողնում, առավոտյան զարթնելիս չես տեսնի Մարիային քո կողքին։ Ոչ մի նման բան չի լինի։ Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ, եթե սա է ընդամենը, ինչ ուզում ես դու կյանքից։ Ինչո՞ւ չպիտի կարողանաս գոնե մի գիշեր անցկացնել սավանով անկողնի մեջ։

Անհնարին բան ես ուզում։ Բացարձակ անհնարին։ Բայց եթե դու այս աղջկան, ինչպես ասում են, իսկապես շատ ես սիրում, ուրեմն այնքան ուժգին պիտի սիրես, որ սիրույդ ուժգնությունը լրացնի ժամանակի պակասը։ Լսո՞ւմ ես։ Հին ժամանակ մարդիկ այդ մի պահի համար ողջ կյանքն են նվիրաբերել։ Իսկ քո բախտը բերել է, առջևում դեռ երկու գիշեր ունես։ Երկու գիշեր։ Երկու գիշեր կարող ես սիրել, պատվել, փայփայել։ Դժբախտության ժամանակ և երջանկության։ Հիվանդության ժամանակ ու մահվան։ Չէ՛, այդպես չէր։ Հիվանդության ժամանակ ու առողջության։ Մինչ ի մահ։ Երկու գիշեր։ Ավելի քան հավանական է։ Ավելի քան հավանական։ Իսկ հիմա մի կողմ դիր այդ մտքերը։ Կանգ առ։ Դա կարող է քեզ վնասել։ Մի՛ արա այնպիսի բաներ, որոնք կարող են վնասել քեզ։ Իսկ դա կարող է, անպայման։

Սա նկատի ուներ Գոլցը։ Քանի գնում, Գոլցն այնքան ավելի խելացի էր թվում։ Իհարկե սա նկատի ուներ նա, երբ խոսում էր անկանոն ծառայության մասին։ Նրան էլ, հավանաբար, այսպիսի բան պատահել է, երևի սա բնական է նման հապճեպ կյ