«Չիպոլինոյի արկածները»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Գլուխ տասներկուերորդ)
(Գլուխ տասնչորսերորդ)
Տող 1935. Տող 1935.
  
 
Իսկ ի՞նչ պատահեց․ ի՞նչ զարմանալի դիպվածով փրկվեց փաստաբան Սիսեռիկի կյանքը։
 
Իսկ ի՞նչ պատահեց․ ի՞նչ զարմանալի դիպվածով փրկվեց փաստաբան Սիսեռիկի կյանքը։
 +
 +
 +
==Գլուխ տասնհինգերորդ==
 +
 +
Որ բացատրում է նախորդ գլուխը
 +
 +
 +
Իսկ ահա թե ինչ էր պատահել։ Մորին, որ գիտեր ամրոցում տեղի ունեցող ամեն մի իրադարձություն, վազեց անտառ և Բողկին պատմեց սինյոր Սիսեռիկին սպառնացող վտանգի մասին։ Իսկ Բողկը դա անմիջապես հայտնեց իր բարեկամ Չիպոլինոյին։ Նա Չիպոլինոյին գտավ քավոր Դդումի տնակից ոչ այնքան հեռու ընկած մի անձավում, որտեղ տղան թաքնվում էր մնացած փախստականների հետ։
 +
 +
Չիպոլինոն ուշադիր լսեց, իսկ հետո վարպետ Խաղողից բիզը խնդրեց, որ ծոծրակը քորի, քանի որ հարցը շատ լուրջ էր, և որևէ ելք գտնելու համար անհրաժեշտ էր մի լավ քորվել։
 +
 +
Մի քիչ մտածելով Չիպոլինոն բիզը վերադարձրեց վարպետ Խաղողին և կարճ ասաց․
 +
 +
― Շնորհակալություն, գիտեմ, թե ինչ պիտի անել։
 +
 +
Եվ անմիջապես վազելով ինչ֊որ տեղ գնաց։ Ոչ ոք չկարողացավ հարցնել, թե ինչ է նա մտածել։
 +
 +
Քավոր Դդումը խորը հառաչելով, ասաց․
 +
 +
― Ախր եթե Չիպոլինոն ասում է, որ մի բան հնարել է, հանգիստ մնացեք, նա շուտով ամեն ինչ կկարգավորի։
 +
 +
Սակայն Չիպոլինոն շատ թափառեց դաշտերում ու մարգագետնում՝ մինչև գտավ իր փնտրածը։ Վերջապես հասավ ամբողջովին փխրուն հողաթմբերով ծածկված մի մարգագետին։ Ամեն րոպե այստեղ սունկի նման մի նոր փխրուն հողաթումբ էր բարձրանում։
 +
 +
― Չիպոլինոն որոշեց սպասել։ Եվ ահա, երբ մի թումբ բարձրացավ համարյա թե նրա ոտների մոտ, նա ծունկի իջավ և կանչեց․
 +
 +
― Սինյո՛ր Խլուրդ, սինյո՛ր Խլուրդ, այդ ես եմ, Չիպոլինոն։
 +
 +
― Հը՛մ, այդ դո՞ւք եք, ― պատասխանեց Խլուրդը չորությամբ, ― ճիշտն ասած, մեր առաջին հանդիպումից հետո ես միայն կիսով չափ կուրացա։ Երևի դուք մի նոր ստորերկրյա ճանապարհորդություն եք առաջարկում, որն ինձ լրիվ կզրկի տեսողությունից։
 +
 +
― Այդպես մի՛ ասեք, սինյոր Խլուրդ, ես երբեք չեմ մոռանա ձեր լավությունը։ Ձեր շնորհիվ ես հանդիպեցի իմ բարեկամներին։ Մեզ հաջողվեց ազատվել, ու մենք մեզ համար ժամանակավոր ապաստարան ճարեցինք մոտակա անձավում։
 +
 +
― Շնորհակալ եմ նորության համար, բայց այդ ինձ բոլորովին չի հետաքրքրում, ցտեսություն։
 +
 +
― Սինյոր Խլուրդ, լսեցեք ինձ, սինյոր Խլուրդ, ― ձայն տվեց Չիպոլինոն։
 +
 +
― Ի՞նչ արած, խոսեցեք, միայն մի՛ կարծեք, թե ես ձեզ առաջվա պես կօգնեմ։
 +
 +
― Գործը ոչ թե ինձ է վերաբերում, այլ մեր գյուղական փաստաբանին, որին Սիսեռիկ են ասում։ Նրան վաղը առավոտյան կախելու են։
 +
 +
― Շատ էլ լավ կանեն, ― բարկացած պատասխանեց Խլուրդը, ― ես հաճույքով կօգնեի, որ պարանը գցեն նրա վիզը։ Տանել չեմ կարողանում փաստաբաններին, իսկ սիսեռ բոլորովին չեմ սիրում։
 +
 +
Խեղճ Չիպոլինոն քիչ չչարչարվեց, որպեսզի համառ Խլուրդին համոզի։ Բայց նա հավատացած էր, որ չնայած իր կոպտությանը Խլուրդը ոսկի սիրտ ունի և երբեք չի հրաժարվի արդար գործին օգնելուց։
 +
 +
Այդպես էլ եղավ։ Վերջ ի վերջո Խլուրդը մի քիչ մեղմացավ և հատ֊հատ, հեզությամբ ասաց․
 +
 +
― Բավական է շաղակրատենք, սինյոր Չիպոլինո։ Ինչպես երևում է, դուք ճարպիկ լեզու ունեք։ Ավելի լավ է ցույց տվեք, թե ո՛ր կողմը փորեմ։
 +
 +
― Հյուսիս֊հյուսիս֊արևելքի ուղղությամբ, ― ուրախությունից վեր֊վեր թռչելով պատասխանեց Չիպոլինոն։
 +
 +
Կարճ ժամանակում Խլուրդը մի լայն ու երկար միջանցք փորեց մինչև կառափնարանի տակը։ Այստեղ նա ու Չիպոլինոն նստեցին ու սպասեցին, թե ինչ կլինի։ Երբ փոքրիկ դռնակը բացվեց, և սինյոր Սիսեռիկը պարանը վզին ընկավ ցած, նա մի ակնթարթում պարանը կտրեց և փաստաբանին կարտոֆիլի բուժիչ հյութ տվեց խմելու, որ Խլուրդը միշտ հետը ման էր ածում։ Բացի այդ, Չիպոլինոն կամաց սկսեց խփել փաստաբանի այտերին։ Կարտոֆիլի հյութը և ապտակները փաստաբանին ուշքի բերեցին։ Սինյոր Սիսեռիկն աչքերը բացեց, բայց դե գիտե՞ք, այնքան շշմած էր, որ իր փրկությանը չէր հավատում։
 +
 +
― Օ՜, սինյոր Չիպոլինո, ― բացականչեց նա, ― ուրեմն դուք էլ ինձ նման մեռել եք։ Ի՜նչ երջանկություն է, որ մենք հանդիպեցինք դրախտում։
 +
 +
― Ուշքի եկ, փաստաբան, ― միջամտեց Խլուրդը։ ― Այստեղ ոչ դրախտ կա, ոչ էլ դժոխք։ Ես էլ ոչ սուրբ Պետրոսն եմ, ոչ էլ սատանա, այլ ծեր Խլուրդն եմ և պետք է գնամ գործիս։ Դրա համար էլ եկեք ինչքան կարելի է այստեղից շուտ դուրս գանք, և աշխատեցեք իմ աչքին քիչ երևալ։ Ամեն անգամ, երբ ես հանդիպում եմ Չիպոլինոյին, արևահարվում եմ։
 +
 +
Իրականում կառափնարանի տակ կատարյալ խավար էր տիրում, բայց այդ նկուղն էլ այնքան լուսավոր էր թվում, որ նրա աչքերն ու գլուխը ցավեցին։
 +
 +
Վերջապես սինյոր Սիսեռիկը գլխի ընկավ, որ Չիպոլինոյի ու Խլուրդի շնորհիվ փրկվել է մահից։ Փաստաբանն անընդհատ շնորհակալություն էր հայտնում իր փրկիչներին։ Սկզբում նա առանձին֊առանձին գրկեց նրանց, հետո ուզեց երկուսին միասին գրկել, բայց դա չհաջողվեց, քանի որ ձեռները շատ կարճ էին։
 +
 +
Երբ վերջապես Սիսեռիկը հանգստացավ, երեքով ճամփա ընկան արդեն պատրաստի ստորանցքով։ Հասնելով ստորանցքի ծայիրն, Խլուրդը մի միջանցք էլ փորեց մինչև այն անձավը, որտեղ թաքնվում էին վարպետ Խաղողը, քավոր Դդումը, պրոֆեսոր Տանձը և մյուս փախստականները։
 +
 +
Փաստաբանին և նրա փրկարարներին նրանք դիմավորեցին ուրախ բացականչություններով։ Բոլորն էլ մոռացան, որ դեռ վերջերս սինյոր Սիսեռիկն իրենց թշնամին էր։
 +
 +
Իր նոր բարեկամներին հրաժեշտ տալով, Խլուրդը չկարողացավ արցունքները պահել։
 +
 +
― Սինյորներ, ― ասաց նա, ― եթե դուք գոնե մի կաթիլ առողջ դատողություն ունենայիք, դուք ինձ հետ կբնակվեիք հողի տակ։ Այնտեղ ոչ կախաղան կա, ոչ ասպետ Պոմիդոր, ոչ իշխան Լիմոն, ոչ էլ նրա Լիմոնուկները։ Հանգստություն և մթություն, ահա թե ինչն է կարևոր այս աշխարհում։ Բոլոր դեպքերում, եթե ես ձեզ պետք գամ, ահա այս անցքի մեջ մի գրություն գցեք։ Ես երբեմն կգամ այստեղ, որպեսզի տեսնեմ, թե ինչպես են գնում ձեր գործերը։ Իսկ այժմ՝ հաջողություն ձեզ։
 +
 +
Նրանք ջերմորեն հրաժեշտ տվին ծեր Խլուրդին, և դեռ բոլորը չէին ողջագուրվել, երբ սինյոր Սիսեռիկն այնպես խփեց իր ճակատին, որ չկարողացավ ոտքին մնալ և ընկավ մեջքի վրա։
 +
 +
― Ի՜նչ թափթփվածն եմ ես, ի՛նչ բերանբացը։ Իմ ցրվածությունը վերջ ի վերջո ինձ կկործանի։
 +
 +
― Դուք որևէ բա՞ն եք մոռացել, ― փաստաբանին գետնից բարձրացնելով և նրա շորերից փոշին թափ տալով, քաղաքավարությամբ հարցրեց սամաներ Դդումը։
 +
 +
Այստեղ սինյոր Սիսեռիկը փախստականներին պատմեց Պոմիդորի հետ ունեցած իր խոսակցության և ասպետի նոր դավաճանության մասին։
 +
 +
Նա իր ճառն ավարտեց հետևյալ խոսքերով․
 +
 +
― Սինյորներ, գիտե՞ք, որ հենց այս րոպեին, երբ մենք այստեղ զրուցում ենք, Լիմոնուկները քրքրում են ամբողջ անտառը։ Նրանց հրամայված է գտնել ձեր տնակը և տանել ամրոցի դարբասի մոտ։
 +
 +
Առանց մի խոսք ասելու Չիպոլինոն նետվեց անտառի խորքը և շուտով հայտնվեց կաղնու տակ քավոր Հավամրգու մոտ։ Բայց տնակն արդեն այնտեղ չէր․․․
 +
 +
Քավոր Հավամրգին կաղնու արմատների մոտ կուչ եկած հոնգուր֊հոնգուր լար էր լինում։
 +
 +
― Ա՜խ, իմ սիրուն տնակ, իմ լա՛վ, հարմարավետ տնակ։
 +
 +
― Լիմոնուկներն այստեղ եղե՞լ են, ― հարցրեց Չիպոլինոն։
 +
 +
― Այո՛, այո՛, նրանք ամեն ինչ տարան, և՛ տնակը, և՛ մկրատի կեսը, և՛ ածելին, և՛ հայտարարությունը, և՛ նույնիսկ զան֊գա֊կը։
 +
 +
Չիպոլինոն ծոծորակը քորեց։ Այս անգամ նրան երկու բիզ էր հարկավոր, որ կարողանար մի բան հնարել, բայց նա նույնիսկ մեկը չուներ։ Քնքշորեն շոյելով քավոր Հավամրգու ուսերը, Չիպոլինոն նրան տարավ քարանձավ, իր բարեկամների մոտ։
 +
 +
Ո՛չ ոք նրանց հարց չտվեց։ Առանց խոսքի էլ բոլորը հասկացան, որ տնակն անհայտացել է, և որ այդ իրենց երդվյալ թշնամու՝ ասպետ Պոմիդորի արածն է։

00:23, 9 Փետրվարի 2016-ի տարբերակ

Չիպոլինոյի արկածները

հեղինակ՝ Ջաննի Ռոդարի


Գլուխ առաջին

Որտեղ Չիպոլոնեն տրորում է իշխան Լիմոնի ոտքը


Չիպոլինիոն Չիպոլոնեի տղան էր։ Նա յոթ եղբայր ուներ՝ Չիպոլետտոն, Չիպոլոտտոն, Չիպիլոչ֊Չիպոլու֊չչան, և այսպես մինչև վերջ, ամենահարմար անուն սոխի ընտանիքի համար։ Պետք է ուղղակի ասել, որ նրանք լավ մարդիկ էին, միայն թե կյանքում բախտները չէր բանում։ Ի՞նչ կարող ես անել, որտեղ սոխ կա, այնտեղ էլ արցունք։

Չիպոլոնեն, նրա կինն ու տղաները ապրում էին փայտե խրճիթում, որ սածիլի արկղից մի քիչ էր մեծ։

Երբ պատահմամբ այդ կողմերը որևէ հարուստ էր ընկնում, քիթը տհաճությամբ կնճռոտում էր ու մռթմռթում․ «Թյու, ինչ սոխի հոտ է փչում» և հրամայում էր կառապանին, որ կառքն արագ քշի։

Մի անգամ քաղաքի ծայրամասը որոշեց այցելել երկրի տերն ու տիրակալը, իշխան Լիմոնը։ Պալատականները խիստ անհանգստացան։ Սոխի հոտը հանկարծ չկպչի՞ նորին մեծության քթին։

― Ի՞նչ կասի իշխանը, եթե հանկարծ այդ աղքատության հոտն առնի։

― Կարելի է աղքատների վրա օծանելիք ցանել, ― առաջարկեց Ավագ Սենեկապետը։

Անմիջապես մի խումբ Լիմոնուկ֊զինվորներ ուղարկեցին ծայրամաս, որպեսզի օծանելիք ցանեն նրանց վրա, ումից սոխի հոտ էր գալիս։ Այս անգամ զինվորները իրենց թնդանոթներն ու սրերը թողեցին զորանոցներում և շալակներն առան սրսկելու հարմարանք ունեցող հսկայական տակառներ։ Տակառների մեջ լցված էին ծաղկի օծանելիք, մանուշակի հյութ և նույնիսկ ամենալավ տեսակի վարդաջուր։

Հրամանատարը Չիպոլոնեին, նրա որդիներին և բոլոր հարազատներին հրամայեց տնակներից դուրս գալ։ Զինվորները նրանց շարք կանգնեցրին և բոլորի վրա ոտից֊գլուխ օդեկոլոն շաղ տվին։ Այդ հոտավետ անձրևից Չիպոլինոն խիստ հարբուխ կպավ։ Նա սկսեց ուժեղ փռշտալ և չլսեց հեռվից հնչող շեփորի ձայնը։

Այդ իշխան Լիմոնն էր, որ ծայրամաս ժամանեց Լիմոնների, Լիմոնուկների և Լիմոնիկների շքախմբով։

Իշխան Լիմոնը ոտից գլուխ դեղին էր հագել, և նրա դեղին գլխարկի վրա զնգզնգում էր մի ոսկե զանգակ։ Պալատական Լիմոնների զանգակներն արծաթից էին, զինվոր Լիմոնուկներինը՝ բրոնզից։ Այդ բոլոր զանգակներն էլ անընդհատ զնգզնգում էին, այնպես որ հրաշալի երաժշտություն էր ստացվում։ Ունկնդրելու համար հավաքվել էր ամբողջ փողոցը։ Մարդիկ կարծում էին, թե թափառաշրջիկ նվագախումբ է եկել։

Չիպոլոնեն և Չիպոլինոն առաջին շարքում էին։ Հետևում կանգնածները հենվել էին նրանց վրա, և անընդհատ հրում էին ու ոտքերով խփում։ Վերջապես խեղճ ծերուկ Չիպոլոնեն այլևս չկարողացավ համբերել և գոռաց․

― Ե՛տ, ե՛տ գնացեք․․․

Իշխան Լիմոնն ականջները սրեց․

― Այս ի՞նչ բան է։

Նա իր կարճ, ծուռտիկ ոտները հպարտությամբ առաջ գցելով, մոտեցավ Չիպոլոնեին և խստությամբ նայեց ծերուկին։

― Ինչո՞ւ ես գոռում «ետ գնացեք»։ Իմ հավատարիմ հպատակներն այնպես են ուզում ինձ տեսնել, որ նետվում են առաջ․ իսկ դա քեզ դուր չի՞ գալիս, հա՞։

― Ձերդ մեծություն, ինձ թվում է, թե այս մարդը սարսափելի խռովարար է, ― իշխանի ականջին շշնջաց Ավագ սենեկապետը, ― նրան հարկավոր է հատուկ հսկողության տակ առնել։

Լիմոնուկ֊զինվորներից մեկն անմիջապես Չիպոլոնեի վրա ուղղեց հեռադիտակը, որ գործ էր ածվում խռովարարներին հսկելիս։ Ամեն մի Լիմոնուկի մոտ այդպիսի հեռադիտակ կար։

Չիպոլոնեն վախից մեռելի գույն ստացավ։

― Ձերդ մեծություն, ― շշնջաց նա, ― ախր նրանք ինձ ոտնատակ կտան։

― Եվ շատ էլ լավ կանեն, ― որոտաց իշխան Լիմոնը։ ― Այդպես էլ քեզ պետք է։

Այստեղ Ավագ Սենեկապետը ամբոխին դիմեց այսպիսի ճառով․

― Մեր սիրելի հպատակներ, ― ասաց նա, ― նորին մեծությունը շնորհակալություն է հայտնում ձեզ հավատարմության համար և այն եռանդուն աքացիների համար, որով դուք հյուրասիրում եք իրար։ Ավելի թափով հրեցեք իրար, ինչքան ուժ ունեք, սեղմեցեք։

― Բայց նրանք ձեզ էլ կարող են ցած գցել, ― փորձեց հակաճառել Չիպոլինոն։

Անմիջապես մի ուրիշ Լիմոնուկ հեռադիտակն ուղղեց տղայի վրա, և Չիպոլինոն տեսավ, որ ավելի լավ է թաքնվի ամբոխի մեջ։

Սկզբում հետևի շարքերը այնքան էլ ուժեղ չէին հրում առաջիններին, բայց Ավագ Սենեկապետն այնպես կատաղի նայեց չջանացողներին, որ ի վերջո ամբոխն ալեկոծվեց, ինչպես ջուրը տաշտակի մեջ։ Ծերուկ Չիպոլոնեն ճնշմանը չդիմանալով, գլուխկոնձի տվեց և պատահմամբ տրորեց իշխան Լիմոնի ոտքը։ Նորին մեծությունը, որի ոտքերին բավականաչափ կոշտուկներ կային, առանց պալատական աստղագետի օգնության, երկնքի բոլոր աստղերը տեսավ։ Տասը Լիմոնուկ֊զինվոր ամեն կողմից նետվեցին դժբախտ Չիպոլոնեի վրա և ձեռքերին երկաթե ձեռնակապեր անցկացրին։

― Չիպոլի՜նո, Չիպոլի՜նո, որդի՜ս, ― շփոթված շուրջը նայելով ձայն էր տալիս ծերուկը, երբ զինվորները թևերից բռնած տանում էին նրան։

Չիպոլինոն այդ րոպեին շատ հեռու էր դեպքի վայրից և մտքովն էլ չէր անցնում, թե ինչ է կատարվում, բայց բերանբացները, որ քարշ էին գալիս մոտերքում, արդեն ամեն ինչ գիտեին և, ինչպես լինում է նման դեպքերում, նույնիսկ ավելի շատ գիտեին, քան իրոք եղել էր։

― Լավ է, որ նրան ժամանակին բռնեցին, ― ասում էին պարապ շաղակրատները։

― Մի դրան տեսեք, ուզում էր դաշույնով խփի նորին մեծությանը։

― Այդպես չէ՛, չարագործի գրպանում գնդացիր է եղել։

― Գնդացի՞ր, գրպանո՞ւմ։ Չի կարող պատահել։

― Իսկ դուք, ի՞նչ է, կրակոցներ չե՞ք լսում։

Իրականում դրանք բոլորովին էլ կրակոցներ չէին, այլ իշխան Լիմոնի պատվին կազմակերպված տոնական հրավառության ճարճատյուններ։ Բայց մարդիկ այնպես սարսափահար եղան, որ գլխապատառ փախան այս ու այն կողմ։

Չիպոլինոն ուզում էր ճչալ, այդ բոլոր մարդկանց ասել, որ իր հոր գրպանում ոչ թե գնդացիր է եղել, այլ սիգարի մի փոքրիկ մնացորդ, բայց մտածեց որ միևնույն է, բերանբացների ձայնը չի կարող կտրել և խոհեմաբար լռեց։

― Խե՜ղճ Չիպոլինո, նրան հանկարծ այնպես թվաց, որ վատ է տեսնում․ այդ նրանից էր, որ աչքերին արցունքի մեծ կաթիլներ հայտնվեցին։

― Ե՛տ դարձեք, հիմարներ, ― նրանց վրա գոռաց Չիպոլինոն և ատամները սեղմեց, որ լաց չլինի։

Արցունքները վախեցան, ետ֊ետ գնացին և այլևս չերևացին։

✻    ✻



Կարճ ասած, ծերունի Չիպոլոնեին դատապարտեցին ցմահ բանտարկության․ և ոչ միայն ցմահ, այլև մահից հետո էլ շատ֊շատ տարիների բանտարկության, քանի որ իշխան Լիմոնի բանտերին կից գերեզմանոցներ կային։

Չիպոլինոն տեսակցություն հաջողեցրեց և հանդիպելով ծերունի հորը, պինդ գրկեց նրան։

― Իմ խե՜ղճ հայրիկ, քեզ գողերի և ավազակների հետ, որպես ոճրագործի, զնդան են նստեցրել։

― Ի՞նչ ես ասում, ի՞նչ ես ասում, որդյակ, ― քնքշորեն ընդհատեց նրան հայրը, ― ախր բանտերը լեփ֊լեցուն են ազնիվ մարդկանցով։

― Իսկ ինչի՞ համար են նրանք նստած, ի՞նչ վատ բան են արել։

― Ոչ մի բան, որդի՛ս։ Ա՛յ, դրա համար էլ նրանց նստեցրել են։ Կարգին մարդիկ իշխան Լիմոնի սրտովը չեն։

Չիպոլինոն մտածմունքի մեջ ընկավ։

― Ուրեմն բանտ ընկնելը մեծ պատի՞վ է։ Բանտերը կառուցվել են նրանց համար, ովքեր գողություն են անում և մարդ սպանում, բայց իշխան Լիմոնի մոտ ամեն ինչ հակառակն է արված, գողերն ու մարդասպանները նրա պալատում են, իսկ բանտերում ազնիվ մարդիկ են նստած։

― Ես էլ եմ ուզում ազնիվ մարդ լինել, ― հայտարարեց Չիպոլինոն, ― բայց բանտ ընկնել չեմ ուզում։ Մի քիչ համբերիր, ես կվերադառնամ և բոլորիդ կազատեմ։

Ծերուկը ժպտաց։

― Դու քեզ վրա շատ ես վստահ, դա այնքան էլ հեշտ գործ չէ։

― Ա՛յ, կտեսնես, ես իմ ասածը կանեմ։

Այդ ժամանակ պահակախմբից ինչ֊որ Լիմոնուկ եկավ և հայտարարեց, որ տեսակցությունն ավարտված է։

― Չիպոլինո, ― հրաժեշտ տալիս ասաց հայրը, ― հիմա արդեն դու մեծ ես և կարող ես գլուխդ պահել։ Մորդ և եղբայրներիդ մասին կհոգա քեռի Չիպոլան, իսկ դու գնա աշխարհ տես, խելք ու խրատ սովորիր։

― Ինչպե՞ս սովորեմ։ Գրքեր չունեմ, և փող էլ չունեմ, որ գնեմ։

― Բան չկա, կյանքը կսովորեցնի։ Միայն թե աչքերդ լայն բաց արա, աշխատիր բոլոր տեսակի խաբեբաներին ու խարդախներին լավ ուսումնասիրել, հատկապես նրանց, ովքեր իշխանություն ունեն։

― Իսկ հետո՞, հետո՞ ինչ անեմ։

― Ժամանակը որ գա, ինքդ կհասկանաս, թե ինչ անես։

― Դե, պրծեք, հերիք է բլբլաք, ― գոռաց Լիմոնուկը։ Իսկ դու, քրջոտ, եթե չես ուզում, որ բանտ ընկնես, այստեղից հեռացիր։

Չիպոլինոն Լիմոնուկին կպատասխաներ մի ծաղրական երգով, բայց մտածեց, որ քանի դեռ կարգին գործ չի սկսել, չարժե բանտ ընկնել։

Նա պինդ համբուրեց հորն ու դուրս վազեց։

Հաջորդ օրը նա մորն ու յոթ եղբայրներին հանձնեց բարի քեռու Չիպոլոյի խնամքին, որին բախտը մի քիչ ավելի էր ժպտացել կյանքում, քան մյուս բարեկամներին։ Սա ինչ֊որ տեղ ծառայում էր որպես դռնապան։

Քեռուն, մորն ու եղբայրներին հրաժեշտ տալով, Չիպոլինոն իր ունեցած֊չունեցածը մի կապոց արեց, կախեց ձեռնափայտի ծայրին և, ուսին դնելով, ճամփա ընկավ։ Գնաց ուր աչքը կկտրեր, բայց երևի ճիշտ ճանապարհ էր ընտրել։

Մի քանի ժամից հետո նա հասավ մի փոքրիկ գյուղ, այնքան փոքրիկ, որ ոչ ոք նույնիսկ չէր փորձել որևէ սյան կամ առաջին տան վրա այդ գյուղի անունը գրել։ Ասենք այդ առաջին տունն էլ ոչ թե տուն էր, այլ ինչ֊որ փոքրիկ շնաբուն, որ կարող էր միայն բակային փոքրիկ շանը պետք գալ։ Պատուհանի մոտ մի շիկամորուս ծերունի նստած, նայում էր դուրս և կարծես ինչ֊որ բանով մտահոգված էր։


Գլուխ երկրորդ

Ինչպես Չիպոլինոն ստիպեց կավալեր Պոմիդորին լաց լինել առաջին անգամ


― Տեսնենք, ― բզով ծոծրակը քորելով ասում էր վարպետ Խաղողը, ― վեց անգամ յոթ՝ քառասուներկու․․․ Իննը հանած․․․ Մի խոսքով, ընդամենը դու տասնյոթ աղյուս ունես։

― Իսկ ի՞նչ ես կարծում, հերի՞ք է տան համար։

― Իմ կարծիքով՝ ոչ։

Իսկ ի՞նչ անեմ։

Այդ արդեն քո գործն է։ Տան համար հերիք չի անի՝ դու էլ աղյուսից նստարան շինիր։

― Ինչի՞ս է պետք։ Այգում ինչքան ասես նստարան կա։ Իսկ երբ նրանք զբաղեցրած լինեն, ես կարող եմ նույնիսկ կանգնել։

Վարպետ խաղողը բզով քորեց նախ աջ ականջի հետևը, հետո՝ ձախ ու սուս ու փուս գնաց իր արհեստանոցը։

Իսկ քավոր Դդումը մտածեց, մտածեց, վերջը որոշեց ավելի շատ աշխատել և քիչ ուտել։ Այդպես էլ արեց։ Արդեն նրան հաջողվում էր տարեկան երեք֊չորս աղյուս գնել։

Նա նիհարեց, դարձավ լուցկու հատ, բայց աղյուսների կույտը քանի գնում ավելանում էր։

Մարդիկ ասում էին․

«Մի նայեք քավոր Դդումին, կարելի է կարծել, թե նա աղյուսը սեփական փորից է դուրս քաշում։ Ամեն անգամ, երբ աղյուս է ձեռք բերում, մի կիլոգրամ պակասում է»։

Այսպես անցնում էր տարին տարու հետևից։ Վերջապես հասավ այն օրը, երբ քավոր Դդումը զգաց, որ ծերանում է և այլևս չի կարող աշխատել։ Նա նորից գնաց վարպետ Խաղողի մոտ։

― Արի իմ աղյուսները մեկ էլ հաշվիր, ― ասաց նա։

Վարպետ Խաղողը բիզը վերցրեց, դուրս եկավ արհեստանոցից, նայեց աղյուսի կույտին ու ասաց․

― Վեց անգամ յոթ՝ քառասուներկու․․․ Իննը հանած․․․ մի խոսքով, ընդամենը հարյուր տասնութ աղյուս ունես։

― Հերիք կանի՞ տան համար։

― Իմ կարծիքով՝ ո՛չ։

― Իսկ ի՞նչ անեմ։

― Չգիտեմ ի՛նչ ասեմ քեզ․․․ Հավաբուն շինիր։

― Ախր ոչ մի հավ չունեմ։

― Ուրեմն կատու կապրի այնտեղ։ Գիտե՞ս, կատուն շատ օգտակար գազան է, մկներ է բռնում։

Դե, այդ ճիշտ է, բայց կատու էլ չունեմ։ Ճիշտը որ ասեմ, դեռ մկներ էլ չկան։ Որտեղի՞ց լինեն և ո՞ւմն են պետք։

― Իսկ ի՞նչ ես ուզում ինձանից, ― բզով կատաղորեն ծոծրակը քորելով փնչաց վարպետ Խաղողը։ ― Հարյուր տասնութը՝ դա հարյուր տասնութ է, ոչ ավել, ոչ պակաս, ճի՞շտ է։

― Դու ավելի լավ գիտես, թվաբանություն ես սովորել։

Քավոր Դդումը մի երկու անգամ հառաչեց, բայց տեսնելով, որ դրանից աղյուսները չեն ավելանում, որոշեց առանց ավելորդ խոսքի կառուցումն սկսել։

― Ես աղյուսից մի փոքրի՜կ֊փոքրի՜կ տուն կշինեմ, ― աշխատելով մտածում էր նա։ ― Ինձ պալատ պետք չէ, ես այնքան էլ մեծ չեմ։ Իսկ եթե աղյուսը հերիք չանի, թղթով կշարունակեմ։

Քավոր Դդումը դանդաղ և զգուշորեն էր աշխատում, վախենալով, թե իր թանկարժեք աղյուսները շուտ կվերջանան։ Նա այնքան զգուշությամբ էր մի աղյուսը դնում մյուսի վրա, կարծես դրանք ապակուց լինեին։

Դե նա լավ գիտեր, թե ամեն մի աղյուսն ինչ գնով է ձեռք բերել։

― Ա՛յ, այս մեկը, ― աղյուսներից մեկը վերցնելով և շոյելով, ինչպես կատվիկին են շոյում, ասաց նա, ― հենց այն աղյուսն է, որ ես ձեռք բերեցի տասը տարի առաջ ծնունդի օրին, այն փողերով, որ հավաքել էի՝ տոնին հավ գնելու համար։ Ոչի՛նչ, հավի միս ես կճաշակեմ, երբ շինարարությունն ավարտեմ, իսկ առայժմ առանց դրա էլ յոլա կգնամ։

Ամեն մի աղյուսը դնելիս նա խոր հառաչում էր։ Չնայած դրան, երբ աղյուսները վերջացան, նա դեռ հառաչանքի մեծ պաշար ուներ, իսկ տնակն աղավնատան նման փոքրիկ ստացվեց։

«Եթե աղավնի լինեի, ― մտածում էր խեղճ Դդումը, ― սա շատ հարմար կլիներ ինձ համար»։

Եվ ահա տնակը լիովին պատրաստ է։ Քավոր Դդումը փորձեց ներս մտնել, բայց ծունկը խփեց առաստաղին, և քիչ մնաց ամբողջ շինությունը փուլ գար։

«Ծերացել եմ և անճոռնիացել, հարկավոր է ավելի զգույշ լինել»։

Նա ծունկի իջավ դռան մոտ և փնչալով չորեքթաթ ներս մտավ։ Բայց այստեղ նոր դժվարություններ եղան․ առանց կտուրը քանդելու հնարավոր չէր ոտքի կանգնել, հատակին չէր կարելի պառկել, քանի որ հատակը շատ կարճ էր, իսկ կողքից կողք դառնալ հնարավոր չէր նեղության պատճառով։ Բայց կարևորն այն էր, թե ինչպես վարվի ոտների հետ։ Եթե տուն ես մտել, պիտի ոտներդ էլ ներս տանես, թե չէ անձրևի տակ հո չե՞ս թողնի։

«Տենսում եմ, ― մտածեց քավոր Դդումը, ― որ ես այս տանը պետք է նստած ապրեմ»։

Այդպես էլ արեց։ Նա զգուշորեն շունչ առնելով նստեց հատակին, պատուհանից երևացող նրա դեմքն ամենամռայլ հուսահատություն էր արտահայտում։

― Հը, ինչպե՞ս ես քեզ զգում, հարևան, ― գլուխն իր արհեստանոցի պատուհանից դուրս հանելով, հետաքրքրվեց վարպետ Խաղողը։

― Շնորհակալ եմ, վատ չեմ․․․ ― հառաչելով պատասխանեց քավոր Դդումը։

― Իսկ ուսերիդ մոտ նեղվածք չէ՞։

― Ո՛չ, ո՛չ։ Ախր էս տունը հենց իմ չափսին եմ շինել։

Վարպետ Խաղողը, ինչպես միշտ․ ծոծրակը քորեց և ինչ֊որ անհասկանալի բան փնթփնթաց։ Իսկ այդ ժամանակ քավոր Դդումի տունը տեսնելու համար բոլոր կողմերից մարդիկ էին գալիս։ Երեխաների մի ամբողջ բազմություն հավաքվեց։ Տղաներից ամենափոքրը թռավ կտուրը, պարելով սկսեց երգել։

Ծեր Դդումի ձեռքը աջ
Խոհանոցի մեջ է, տե՛ս․
Պատշգամբումն է դրված
Նրա ձախ ձեռքը կարծես,
Իսկ մեծ քիթը, տես, ահա,
Սնդուկի մեջ է պահած։

― Զգո՜ւյշ, տղա, ― աղերսեց քավոր Դդումը։ ― Այդպես տունս կքանդես, ախր տունս ջահել է դեռ, բոլորովին նոր է, մի օրական էլ չկա։

Որպեսզի երեխաների սիրտը շահի, նա հանեց մի բուռ կարմիր ու կանաչ մոմպաս, որ ով գիտի երբվանից էին ընկած գրպանում, և բաժանեց երեխաներին։ Նրանք ուրախ ճղճղոցով խլեցին մոնպասները և իրար մեջ բաժանելիս էլ մի լավ կռվեցին։

Այդ օրվանից քավոր Դդումը երբ մի քանի սոլդո փող էր ճարում, կոնֆետ էր առնում և երեխաների համար դնում լուսամուտի գոգը, ոնց որ ծտերի համար հացի փշրանք են դնում։ Այդպես էլ երեխաները նրա հետ բարեկամացան։

Երբեմն Դդումը տղաներին թույլ էր տալիս հերթով մտնել տնակը, իսկ ինքը դրսից ուշադիր հետևում էր, որ երեխաները մի փորձանք չբերեն։

✻    ✻



Ահա՛ հենց այս բոլորի մասին էլ քավոր Դդումը պատմում էր Չիպոլինոյին, երբ գյուղի ծայրին փոշու թանձր ամպ բարձրացավ։ Անմիջապես, կարծես խոսքները մեկ արած, բոլոր պատուհանները, դռներն ու դարբասները սկսեցին ճռռոցով ու շրխկոցով փակվել։ Վարպետ Խաղողի կինն էլ շտապեց իրենց պարտեզի դուռը փակել։

Մարդիկ փակվեցին իրենց տներում, ոնց որ փոթորկից առաջ են անում։ Նույնիսկ հավերը, կատուներն ու շները սկսեցին իրենց համար թաքնվելու տեղ փնտրել։

Չիպոլինոն դեռ գլխի չէր ընկել, թե ի՛նչ է կատարվում, երբ փոշու ամպը ճայթյունով ու դղրդյունով անցավ գյուղի միջով և կանգ առավ հենց քավոր Դդումի տան առաջ։

Փոշու ամպի միջից հայտնվեց մի կառք, որին լծված էին չորս ձի։ Ճիշտն ասած, դրանք այնքան էլ ձիեր չէին, այլ վարունգներ, քանի որ այն երկրում, որտեղ տեղի է ունենում այս ամենը, բոլոր մարդիկ և անասունները ազգակից էին որևէ մրգի կամ բանջարեղենի։

Փքվելով ու փնչալով կառքից դուրս եկավ ամբողջովին կանաչ հագած մի գեր մարդ, թվում էր, թե նրա կարմիր, փափլիկ ուռած այտերը ուր որ է հասած պոմիդորի նման կպայթեն։

Դա հենց ասպետ Պոմիդորն էր, հարուստ կալվածատիրուհիներ, կոմսուհի Բալերի կառավարիչն ու տնտեսը։ Չիպոլինոն իսկույն գլխի ընկավ, որ այդ տիպից ոչ մի լավ բան չի կարելի սպասել, եթե նրան դեռ չտեսած բոլորը փախչում են, և ավելի լավ համարեց մի կողմ քաշվել։

Սկզբում ասպետ Պոմիդորը ոչ ոքի վատ բան չարեց։ Նա միայն նայում էր քավոր Դդումին։ Երկար ու սևեռուն նայում էր նա և չարագուշակ ձևով գլուխը շարժելով լռում։

Իսկ խեղճ քավոր Դդումն այդ րոպեին պատրաստ էր իր տնակի հետ գետնի տակն անցնել։ Քրտինքն առվակի նման հոսում էր նրա ճակատից և լցվում բերանը։

Քավոր Դդումը սիրտ չէր անում նույնիսկ ձեռքը բարձրացնել, որպեսզի դեմքը սրբի, և այդպես էլ հնազանդորեն կուլ էր տալիս քրտինքի աղի ու դառը կաթիլները։

Վերջապես նա աչքերը փակեց և սկսեց մտածել այսպես․ «ո՛չ մի սինյոր Պոմիդոր էլ այստեղ չկա, ես նստած եմ տնակի մեջ և լողում եմ ինչպես ծովայինը նավով Խաղաղ օվկիանոսումն է լողում։ Շուրջս ջուր է, կապո՜ւյտ֊կապո՜ւյտ, խաղա՜ղ֊խաղա՜ղ․․․ Ինչքան մեղմ է օրորվում իմ նավակը»։

Իհարկե, շուրջը ոչ մի ծով էլ չկար, բայց քավոր Դդումի տնակն իսկապես օրորվում էր մեկ աջ, մեկ ծախ։ Այդ նրանից էր որ ասպետ Պոմիդորը մի ձեռքով բռնել էր կտրի մի ծայրից, երկրորդով՝ մյուս ծայրից և ինչքան ուժ ուներ, տնակը թափ էր տալիս․ կտուրն այնպես երերաց, որ խնամքով դարսված կղմինդրներն սկսեցին այս ու այն կողմ թափվել։

Երբ սինյոր Պոմիդորը այնպես կատաղորեն մռնչաց, որ հարևան տների դռներն ու լուսամուտներն ավելի ամուր փակվեցին, իսկ ովքեր բանալին մի անգամ էին պտտեցրել, շտապեցին երկրորդ անգամ էլ պտտեցնել, քավոր Դդումն աչքերն ակամա բացեց։

― Չարագո՛րծ, ― գոռում էր սինյոր Պոմիդորը, ― ավազա՛կ, գո՛ղ, խռովարա՛ր, ապստա՛մբ։ Դու այս պալատը կառուցել ես մի հողի վրա, որ պատկանում է կոմսուհի Բալերին։ Դու քո կյանքի վերջին օրերն անգործությամբ ես ուզում անցկացնել և ուզում ես ոտնահարել երկու խեղճ, զառամյալ այրի սինյորաների, երկու լրիվ որբերի իրավունքները։ Ես հիմա քեզ ցույց կտամ։

― Ձերդ ողորմածություն, ― աղերսեց քավոր Դդումը, ― հավատացնում եմ ձեզ, որ ես թույլատվություն ունեի տուն կառուցելու համար։ Ինձ այդ իրավունքը ժամանակին սինյոր կոմս Բալն է տվել։

― Կոմս Բալը մեռել է երեսուն տարի առաջ, խաղաղություն նրա ոսկորներին։ ― Իսկ հիմա հողը պատկանում է միանգամայն կենդանի կոմսուհիներին։ Դրա համար էլ առանց ավելորդ խոսակցության դուրս կորիր այստեղից։ Մնացածը քեզ փաստաբանը կբացատրի։

― ․․․ Հե՜յ, Սիսեռիկ, որտե՞ղ եք դուք, շուտ արեք։

Սինյոր Կանաչ Սիսեռիկը, գյուղական փաստաբանը, ըստ երևույթին պատրաստ սպասում էր, քանի որ անմիջապես, ինչպես սիսեռը պաճի միջից, չգիտես որտեղից դուրս եկավ։ Ամեն անգամ, երբ Պոմիդորը հայտնվում էր գյուղում, նա կանչում էր այդ ճարտար մարդուն, որպեսզի սա իր կարգադրությունները օրենքի համապատասխան հոդվածներով հաստատեր։

― Ես այստեղ եմ, ձերդ ողորմածություն, պատրաստ եմ․․․ Խոնարհվելով և վախից ամբողջովին կանաչած՝ բլբլաց սինյոր Սիսեռիկը։

Բայց նա այնքան փոքրիկ էր և այնքան արագաշարժ, որ նրա բարևը ոչ ոք չնկատեց։ Վախենալով, թե կարող է այնքան էլ քաղաքավարի չերևալ, նա վեր թռավ և ոտքերը օդում թափահարեց։

― Էյ, ի՞նչ է ձեր անունը, այս անբան Դդումին ասեք, որ թագավորության օրենքների համաձայն նա պարտավոր է անմիջապես հեռանալ այստեղից։ Եվ բացատրեցեք այստեղի բոլոր բնակիչներին, որ կոմսուհի Բալերը մտադիր են այս շնաբնում տեղավորել իրենց ամենակատաղած շանը։ Այդ շունը կոմսի կալվածքները պետք է պաշտպանի չարաճճի տղաներից, որոնք վերջերս սկսել են իրենց չափազանց վատ պահել։

― Այո՛, այո՛, իսկապես որ շատ վատ․․․ այսինքն․․․ ― վախից ավելի կանաչելով փնթփնթում էր Սիսեռիկը։ ― Այսինքն՝ ոչ իսկապես վատ։

― Այդ ի՞նչ է՝ «իսկապես» կամ «ոչ իսկապես»։ Փաստաբա՞ն եք դուք թե ոչ։

― Օ՜, այո, ձերդ ողորմածություն, ես մասնագետ եմ քաղաքացիական, քրեական, ինչպես նաև կանոնական իրավունքների։ Վերջացրել եմ Սալամանկի համալսարանը։ Դիպլոմ և կոչում ունեմ։

― Դե եթե դիպլոմ և կոչում ունեք, ուրեմն դուք կհաստատեք, որ ես իրավացի եմ։ Իսկ հետո արդեն կարող եք գնալ ձեր գործին։

― Այո, այո, սինյոր ասպետ, ինչպես որ դուք ցանկանում եք․․․ Եվ սինյոր փաստաբանն այլևս չսպասեց, որ իրեն երկրորդ անգամ խնդրեն, մկան պոչի նման արագ և աննկատելի մի կողմ քաշվեց։

― Հը, լսեցի՞ր ի՞նչ ասաց փաստաբանը, ― քավոր Դդումին դիմելով՝ հարցրեց Պոմիդորը։

― Բայց նա ոչինչ էլ չասաց, ― լսվեց ինչ֊որ մեկի ձայնը։

― Ինչպե՞ս, դու համարձակվում ես դեռ ինձ հետ վիճե՞լ, թշվառական։

― Ձերդ ողորմածություն, ես իսկի բերանս էլ չեմ բացել․․․ ― թոթովեց քավոր Դդումը։

― Բա ո՞վ էր, որ դու չէիր։ Եվ ասպետ Պոմիդորը սպառնագին շուրջը նայեց։

― Խաբեբա՛, խարդա՛խ, ― նորից լսվեց նույն ձայնը։

― Այդ ո՞վ է խոսում, ո՞վ։ Երևի քավթառ վարպետ Խաղողն է այդ, ― որոշեց ասպետ Պոմիդորն ու, մոտենալով կոշկակարի արհեստանոցին, մահակով խփեց դռանն ու մռնչաց․ ― Վարպետ Խաղող, ես շատ լավ գիտեմ, որ ձեր արհեստանոցում իմ և կոմսուհի Բալերի դեմ հաճախ հանդուգն ու խռովարարական խոսքեր են ասվում։ Դուք ոչ մի հարգանք չեք տածում դեպի այդ զառամյալ, մեծատոհմ սինյորա այրիները, որոնք բոլորովին որբ են։ Բայց սպասեք, ձեր հերթն էլ կգա, կտեսնեք, թե ո՛վ է վերջում ծիծաղելու։

― Քո հերթն ավելի շուտ կգա, սինյոր Պոմիդոր։ Օ՜խ, շուտով դու կտրաքես, անպայմա՜ն կտրաքես։

Այդ խոսքերն արտասանողը ուրիշ մեկը չէր, այլ Չիպոլինոն։ Ձեռքերը գրպանները դրած, նա այնքան հանգիստ ու վստահ էր մոտենում ահեղ ասպետ Պոմիդորին, որ սրա մտքովն էլ չանցավ, թե ճշմարտությունն իր աչքերի մեջ համարձակվում է ասել այդ խղճուկ տղան, այդ փոքրիկ թափառաշրջիկը։

― Իսկ դո՞ւ որտեղից հայտնվեցիր, ինչո՞ւ աշխատանքի չես։

Ես դեռ չեմ աշխատում, ես միայն սովորում եմ, ― պատասխանեց Չիպոլինոն։

― Իսկ ի՞նչ ես ուսումնասիրում, որտե՞ղ են գրքերդ։

― Ես ուսումնասիրում եմ սրիկաներին, ձերդ ողորմածություն։ Հենց հիմա նրանցից մեկը կանգնած է իմ դեմ, և ես երբեք հարմար առիթը բաց չեմ թողնի, որպեսզի ինչպես հարկն է ուսումնասիրեմ նրան։

― Ա՜խ, դու ուսումնասիրում ես սրիկաների՞ն։ Այդ շատ հետաքրքրիր է։ Ասենք, գյուղում բոլորն էլ սրիկաներ են։ Եթե դու նոր սրիկա ես գտել, ցույց տուր ինձ։

― Հաճույքով, ձերդ ողորմածություն, ― խորամանկորեն աչքը ճտելով պատասխանեց Չիպոլինոն։

Այստեղ նա ձեռքը տարավ ձախ գրպանն ու հանեց մի փոքրիկ հայելի, որով նա սովորաբար խաղում էր արևի ճառագայթների հետ։ Բոլորովին մոտենալով սինյոր Պոմիդորին, Չիպոլինոն հայելին բռնեց նրա քթի մոտ ու ասաց․

― Ահա նա, այդ սրիկան, ձերդ ողորմածություն։ Եթե ցանկանում եք, ուշադիր նայեք սրան։ Ճանաչո՞ւմ եք։

Ասպետ Պոմիդորը չկարողացավ իրեն զսպել և մի աչքով նայեց հայելու մեջ։

Հայտնի չէ, թե այնտեղ ինչ տեսնելու հույս ուներ, բայց իհարկե, տեսավ իր կրակի նման կարմիր, փոքրիկ ու չար աչքերով, դրամարկղի բացվածքի նման լայն բերանով կերպարանքը։

Այստեղ էլ սինյոր Պոմիդորը հասկացավ, որ Չիպոլինոն ուղղակի ձեռ է առնում իրեն։ Այ թե կատաղեց։ Ամբողջովին շառագունած, երկու ձեռքով բռնեց Չիպոլինոյի մազերից։

― Օ՛յ֊օ՛յ֊օ՛յ, ― չկորցնելով իրեն հատուկ կենսուրախությունը, ճչաց Չիպոլինոն, ― ա՛խ, ինչքան ուժեղ է այդ սրիկան, որին դուք տեսաք իմ հայելու մեջ։ Հավատացնում եմ ձեզ, նա մեն֊մենակ մի ամբողջ ավազակախումբ արժի։

― Ես քեզ ցույց կտամ, խաբեբա՛․․․ գոռաց ասպետ Պոմիդորն ու այնպես ուժգին ձիգ տվեց Չիպոլինոյի մազերից, որ մի ամբողջ փունջ պոկվեց ու մնաց նրա ձեռքում։

Բայց այստեղ տեղի ունեցավ այն, ինչ պիտի լիներ։ Պոկելով Չիպոլինոյի սոխե մազերը, ահեղ ասպետ Պոմիդորն հանկարծ աչքերում և քթի մեջ սուր ծակծկոց զգաց։ Մեկ֊երկու անգամ նա փռշտաց, իսկ հետո արցունքը նրա աչքերից դուրս ցայտեց շատրվանի նման։ Արցունքի շիթերը, առվակներն ու գետերը այնքան առատ էին հոսում նրա այտերով, որ ամբողջ փողոցը թրջեցին, կարծես դռնապանն էր ռետինե խողովակով ջրել։

«Այսպիսի բան ինձ հետ դեռևս չէր եղել», ― մտածում էր վախեցած սինյոր Պոմիդորը։

Եվ իսկապես, նա այնքան անսիրտ և դաժան մարդ էր (եթե միայն Պոմիդորին կարելի է մարդ համարել), որ երբեք լաց չէր լինում, և քանի որ նա միաժամանակ հարուստ մարդ էր, երբեք չէր պատահել, որ սոխ մաքրած լիներ։ Այնինչ տեղի ունեցածը այնքան վախեցրեց ասպետին, որ նա թռավ կառքի մեջ, մտրակեց ձիերն ու սլացավ։ Քիչ հետո ետ դարձավ ու գոռաց․

― Է՜յ, Դդում, նայիր, հա՜, ես քեզ զգուշացրի․․․ Իսկ դու, ստոր լակոտ, քրջոտի մեկը, դու ինձ թանկ կվճարես այս արցունքների համար։

Չիպոլինոն ծիծաղից թուլացավ, իսկ քավոր Դդումը միայն ճակատի քրտինքը սրբեց։

Բացի սինյոր Սիսեռիկի տանից, մնացած բոլոր տների դռներն ու պատուհանները սկսեցին կամաց֊կամաց բացվել, վարպետ Խաղողը լայն բաց արեց իր պարտեզի վանդակադուռը և, բզով կատաղորեն քորելով ծոծրակը, դուրս թռավ փողոց։

― Երդվում եմ աշխարհի բոլոր մոմած թելերով, ― բացականչեց նա, ― վերջապես գտնվեց մի տղա, որ ստիպեց ասպետ Պոմիդորին լաց լինել․․․ Որտեղի՞ց հայտնվեցիր, տղա՛։

Եվ Չիպոլինոն վարպետ Խաղողին ու նրա հարևաններին պատմեց իր ամբողջ պատմությունը, որ դուք արդեն գիտեք։


Գլուխ երրորդ

Որտեղ պատմվում է պրոֆեսոր Տանձի, Սոխ Պրասի և Հազարոտնուկի մասին


Այդ օրվանից Չիպոլինոն սկսեց աշխատել վարպետ Խաղողի արհեստանոցում և շուտով կոշկակարության մեջ մեծ հաջողությունների հասավ։ Թել էր մոմում, կրունկներ էր խփում, ներբաններ դնում, պատվիրատուների ոտքերի չափսն էր առնում և այս բոլորի հետ շարունակում էր կատակել։

Վարպետ Խաղողը գոհ էր տղայից, և արհեստանոցի գործերը հիանալի էին գնում ոչ միայն նրա համար, որ երկուսն էլ եռանդով էին աշխատում, այլև այն պատճառով, որ շատերը արհեստանոց էին գալիս տեսնելու այն համարձակ տղային, որ ասպետ Պոմիդորին ստիպել էր լաց լինել։

Կարճ ժամանակում Չիպոլինոն շատ ծանոթներ ձեռք բերեց։

Առաջինը եղավ երաժշտության ուսուցիչ, պրոֆեսոր Տանձը՝ ջութակը թևի տակ։ Նրա հետևից ներս թափանցեց ճանճերի ու բոռերի մի ամբողջ ամպ, որովհետև պրոֆեսոր Տանձի ջութակը սարքված էր հոտավետ, հյութեղ կիսատ տանձից, իսկ ճանճերը, հայտնի բան է, ամեն տեսակ քաղցրեղենի սիրահար են։

Շատ հաճախ, երբ պրոֆեսոր տանձը համերգ էր տալիս, ունկնդիրները դահլիճից բացականչում էին․

― Պրոֆեսո՛ր, ուշադրություն դարձրեք, ձեր ջութակի վրա մի մեծ ճանճ է նստած, դրա համար էլ եղանակը սխալ է ստացվում։

Այստեղ պրոֆեսորը նվագն ընդհատում էր և այլևս չէր վերականգնում այնքան ժամանակ, քանի նրան չէր հաջողվում կնտնոցով վերջ տալ ճանճին։

Իսկ երբեմն նրա ջութակի մեջ էր սողոսկում որևէ որդ և այնտեղ երկար, ծուռ ու մուռ միջանցքներ էր փորում, գործիքը դրանից փչանում էր, և պրոֆեսորն ստիպված նորն էր ձեռք բերում, որպեսզի նվագելիս եղանակը սխալ դուրս չգա։

Պրոֆեսոր Տանձից անմիջապես հետո գալիս էր պարտիզպան Սոխ Պրասը։ Նա ճակատին թափվող խիտ մազափունջ ուներ և երկար, շատ երկար բեղեր։

― Այս բեղերի պատճառով, ― գանգատվում էր Սոխ Պրասը Չիպոլինոյին, ― ես քիչ տհաճությունների մեջ չեմ ընկնում։ Երբ կինս սպիտակեղեն է փռում չորացնելու, ինձ նստեցնում է պատշգամբում, բեղերս կապում մեխերից և նրանց վրա կախում իր սավանները, շապիկներն ու գուլպաները։ Իսկ ես ստիպված նստում եմ արևի տակ այնքան ժամանակ, քանի դեռ սպիտակեղենը չի չորացել։ Այ, տեսնո՞ւմ ես, ինչ հետքեր են մնացել իմ բեղերին։

Իրոք, Սոխ Պրասի բեղերի վրա փայտե բռնիչների հետքեր կային։

Մի անգամ արհեստանոց եկավ Հազարոտնուկի ընտանիքը՝ հայրն ու երկու որդիները։ Որդիները ոչ մի րոպի չէին կարողանում հանգիստ կանգնել տեղում։

― Նրանք միշտ այդպես անհանգի՞ստ են, ― հարցրեց Չիպոլինոն։

― Ի՞նչ եք ասում, ― հառաչեց Հազարոտնուկ հայրը, հիմա դեռ հրեշտակի նման հանգիստ են, այ, դուք մի տեսնեիք, թե ինչ են անում, երբ կինս լողացնում է նրանց։ Մինչև նա կլվանա սրանց առաջին հարյուր ոտները, նրանք կեղտոտում են հետևի ոտները, լվանում է հետևինները՝ առաջինները նորից սև են ձյութի նման։ Նա անվերջ տանջվում է սրանց ձեռքին և ամեն անգամ մի ամբողջ արկղ օճառ է փչացնում։

Վարպետ Խաղողը ծոծրակը քորեց և հարցրեց․

― Հ՜ը, ձեր ճուտիկերի չափսն առնե՞մ թե չէ։

― Ի՞նչ եք ասում, աստված ձեզ հետ, մի՞թե ես կարող եմ այդքան կոշիկ պատվիրել։ Ես ստիպված պիտի ամբողջ կյանքում աշխատեմ, որպեսզի հազար զույգ կոշիկի գին կարողանամ վճարել։

― Ճիշտ է, ― համաձայնեց վարպետ Խաղողը, ― ասենք իմ արհեստանոցում այդքան կաշի չի էլ ճարվի։

― Դե դուք նայեք, թե կոշիկներից ո՞րն է ավելի շատ մաշված․ գոնե մի քանի զույգ կփոխենք։

Քանի դեռ վարպետ Խաղողն ու Չիպոլինոն տղաների ներբբաներն էին ստուգում, Հազարոտնուկն ու Հազարաթաթիկը աշխատում էին մի կերպ հանգիստ կանգնել, բայց այդ նրանց այնքան էլ չէր հաջողվում։

― Ահա, ― ասաց կոշկակարը, ― այս պստիկի համար հարկավոր է փոխել առաջին երկու և երեք հարյուրերորդ զույգերը։

― Ո՛չ, երեք հարյուրերորդը դեռ կարող է պետք գալ, ― շտապելով հակաճառեց հայր Հազարոտնուկը, ― կրունկները խփեք, հերիք է։

― Իսկ մյուս տղան պիտի աջ կողմից տասը կոշիկ իրար հետևից փոխի։

― Ինչքան եմ սրանց ասել, որ ոտքերով չփորփրեն գետինը։ Է՜, մի՞թե սրանք գիտեն քայլել։ Վազվզում են, մի ոտքի վրա պարում, թռչկոտում։ Եվ ի՞նչ է ստացվում, վերջ ի վերջո՝ բոլոր աջ կոշիկները ձախերից շուտ մաշվեցին։ Ահա՛, միշտ այսպես նեղություն ենք քաշում մենք՝ հազարոտնուկներս։

Վարպետ Խաղողը միայն ձեռքը թափ տվեց․

― Է՜խ, բոլոր երեխաներն էլ մեկ են։ Երկու ոտք ունեն թե հազար, փաստորեն միևնույն է։ Նրանք նույնիսկ ընդունակ են մի ոտքի վրա հազար զույգ կոշիկ մաշել։

Վերջապես Հազարոտնուկի ընտանիքը դոփդոփելով հեռացավ։ Հազարոտնուկն ու Հազարաթաթիկը այնպես սլացան, կարծես կառք նստած լինեին։ Հայր Հազարոտնուկը չէր կարող այդքան արագ շարժվել, նա մի քիչ կաղում էր, բոլորովին քիչ, ընդամենը հարյուր տասնութ ոտքով։


Գլուխ չորրորդ

Թե ինչպես Չիպոլինոն խաբեց Մաստինո շանը, որը շատ ծարավ էր


Իսկ ի՞նչ եղավ քավոր Դդումի տունը։

Մի բոլորովին էլ ոչ գեղեցիկ օր չորս վարունգ լծած իր կառքով եկավ ասպետ Պոմիդորը։ Այս անգամ նրան մի տասնյակ Լիմոնուկներ էին ուղեկցում։ Առանց երկար֊բարակ խոսելու սրանք քավոր Դդումին դուրս արեցին տանից, իսկ նրա տեղը Մաստինո անունով մի ահագին տնպահ շուն դրեցին։

― Ահա, ― սպառնագին շուրջը նայելով, հայտարարեց Պոմիդորը, ― հիմա ձեր բոլոր լակոտները կսովորեն ինձ հարգել և առաջին հերթին՝ այն եկվոր գջլոտը, որին վարպետ Խաղողը վերցրել է իր մոտ։

― Ճիշտ է, ճի՛շտ է, ― խուլ հաչեց Մաստինոն։

― Ինչ վերաբերում է հիմար ծերուկ Դդումին, ― շարունակեց սինյոր Պոմիդորը, ― նա այսուհետև կսովորի իմ հրամաններին ենթարկվել։ Իսկ եթե շատ է ուզում ծածկի տակ ապրել, ապա նրա համար միշտ էլ մի հարմար տեղ կճարվի բանտում։ Այնտեղ բոլորի համար էլ տեղ կլինի։

― Ճի՛շտ է, ճի՛շտ է, ― նորից հաստատեց Մաստինոն։

Վարպետ Խաղողն ու Չիպոլինոն արհեստանոցի շեմքին կանգնած՝ ամեն ինչ տեսնում ու լսում էին, բայց ծերուկին ոչնչով չէին կարող օգնել։

Քավոր Դդումը տխուր նստել էր մի կոճղի և մորուքի մազերն էր փետում։ Ամեն անգամ քաշելիս ձեռքին մի փունջ մազ էր մնում։ Վերջ ի վերջո նա որոշեց թողնել այդ զբաղմունքը, որ անմորուք չմնա, սկսեց կամաց֊կամաց հառաչել։ Ախր դուք հիշում եք, քավոր Դդումը հառաչանքի մեծ պաշար ուներ։

Վերջապես սինյոր Պոմիդորը մտավ իր կառքը։ Մաստինոն կանգնեց առջևի թաթերին և իր տիրոջը պոչով պատիվ տվեց։

― Տե՛ս, հա՜, կպահպանես, ― հրամայեց ասպետ Պոմիդորը, մտրակեց Վարունգներին, և կառքը փոշու ամպ բարձրացնելով, առաջ սլացավ։

Ամառային հրաշալի շոգ օր էր։ Տիրոջ գնալուց հետո Մաստինոն շոգից լեզուն դուրս գցած, պոչը հովհարի նման թափ տալով, մի քիչ զբոսնեց տնակի առաջ։ Բայց ոչինչ չէր օգնում։ Շունը շոգից ուժասպառ եղավ։ «Հիմա վատ չէր լինի, որ մի բաժակ սառը ջուր խմեի», ― մտածում էր նա։

Շուրջը նայեց, տեսնի մի հարմար երեխա չկա՞, որ ուղարկի մոտակա պանդոկը՝ գարեջուր բերելու, բայց փողոցում թարսի պես ոչ ոք չկար։ Ճիշտ է, կոշկակարի արհեստանոցում բաց դռնից երևում էր Չիպոլինոն, որը եռանդով թել էր մոմում, բայց նրանից սոխի այնքան կծու հոտ էր փչում, որ Մաստինոն սիրտ չէր անում նրան կանչել։

Սակայն Չիպոլինոն ինքը նկատեց, որ շունը շոգից նվաղում է։

«Ես Չիպոլինոն չլինեմ, եթե դրա գլխին մի օյին չբերեմ», ― մտածեց նա։

Իսկ շոգը քանի գնում ուժեղանում էր, որովհետև արևն ավելի էր բարձրանում։ Խեղճ Մաստինոն այնպե՛ս խմել էր ուզում։

«Ի՞նչ եմ կերել ես այսօր, ― փորձեց հիշել նա, ― գուցե սուպը շատ աղի՞ էր, բերանիս մեջ ոնց որ կրակ լինի լցրած, իսկ լեզուս այնպես է ծանրացել, կարծես վրան մի քսան ֆունտ ձյութ է կպել»։

Այստեղ Չիպոլինոն գլուխը դռնից դուրս հանեց։

― Է՛յ, է՛յ, ― թույլ ձայնով կանչեց Մաստինոն։

― Դուք ի՞նձ եք կանչում, սինյոր։

― Ձեզ, պատանյակ, ձեզ։ Գնացեք ինձ համար մի շիշ սառը լիմոնադ բերեք, խնդրում եմ։

― Ա՛խ, ես մեծ ուրախությամբ կգնայի, սինյոր Մաստինո, բայց իմ տերը հենց նոր կարկատելու տվեց այս կոշիկը, և ես ոչ մի կերպ չեմ կարող բացակայել։ Շատ ափսոսում եմ։

Եվ Չիպոլինոն առանց ավելորդ խոսակցության, վերադարձավ իր արհեստանոցը։

― Ծո՛ւյլ, անքաղաքավարի՛, ― մռթմռթաց շունը, անիծելով շղթան, որ խանգարում էր պանդոկ գնալուն։

Մի քիչ հետո Չիպոլինոն նորից երևաց։

― Սինյորինո, ― համարյա թե լալով ասաց Մաստինոն, ― գուցե դուք ինձ մի բաժակ հասարակ ջուր բերեք։

― Ես մեծ հաճույքով կբերեի, ― ասաց Չիպոլինոն, ― բայց հենց նոր տերս հրամայեց սինյոր սրբազանի տուֆլու կրունկները նորգել։

Ճիշտն ասած, Չիպոլինոն ամբողջ հոգով խղճում էր ծարավից տանջվող շանը, բայց նրան դուր չէր գալիս այն արհեստը, որով զբաղվում էր Մաստինոն, բացի այդ ուզում էր մի անգամ էլ դաս տալ սինյոր Պոմիդորին։

Մոտ ժամը երեքին արևն այնպես սկսեց այրել, որ փողոցում նույնիսկ քարերը քրտնեցին։ Մաստինոն շոգից ու ծարավից քիչ մնաց կատաղեր։

Վերջապես Չիպոլինոն վեր կացավ իր նստարանից, մի շիշ ջուր լցրեց և մեջը ավելացրեց այն սպիտակ դեղափոշուց, որ անքնության դեմ ընդունում էր վարպետ Խաղողի կինը։

Նա մատով փակեց շշի բերանը, մոտեցրեց շրթունքներին, ցույց տալով, թե խմում է։

― Ա՜խ, ― փորը շոյելով ասաց նա, ― ի՜նչ հրաշալի սառը ջուր է։

Մաստինոյի թուքը հոսեց, այնպես որ մի պահ նա նույնիսկ իրեն լավ զգաց։

― Սինյոր Չիպոլինո, իսկ այդ ջուրը մաքո՞ւր է։

― Իհարկե, արցունքի պես զուլալ է։

― Իսկ մեջը բացիլներ չկա՞ն։

― Ի՜նչ եք ասում, այս ջուրը մաքրել և քամել են երկու նշանավոր պրոֆեսոր, որոնք միկրոբերը թողել են իրենց, իսկ ջուրը ինձ տվել, որովհետև ես կարկատել եմ նրանց տուֆլիները։

Եվ Չիպոլինոն նորից շիշը բերանին մոտեցնելով, ցույց տվեց, թե խմում է։

― Սինյոր Չիպոլինո, ― զարմացած հարցրեց Մաստինոն, ― այդ ինչպե՞ս է ձեզ մոտ ստացվում, որ շիշը միշտ լիքն է մնում։

― Բանն այն է, ― պատասխանեց Չիպոլինոն, ― որ այս շիշը իմ ողորմածիկ պապի նվերն է։ Սա կախարդական շիշ է և երբեք չի դատարկվում։

― Իսկ դուք ինձ չե՞ք թողնի, որ մի քիչ խմեմ, գոնե մի կում։ Մի կում միայն։

― Մի կո՞ւմ։ Խմեք ինչքան ուզում եք, ― պատասխանեց Չիպոլինոն, ― ես ձեզ ասացի, որ իմ շիշը երբեք չի դատարկվում։

Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչքան ուրախացավ Մաստինոն։ Նա անընդհատ շնորհակալություն էր հայտնում Չիպոլինոյին, լիզում էր նրա ոտները և պոչը շարժում։ Նույնիսկ իր տիրուհիների, կոմսուհիներ Բալերի հետ նա երբեք այդպես չէր վերաբերվել։

Չիպոլինոն ջուրը մեկնեց Մաստինոյին։ Սա շիշը խլեց տղայի ձեռքից և ագահորեն ամբողջ ջուրը մի կում արեց։ Դատարկ շշին նայելով, նա զարմացավ․

― Ինչպե՞ս, արդեն վերջացա՞վ։ Իսկ դուք ինձ ասում էիք, թե շի․․․

Այդպես էլ նա չկարողացավ վերջացնել, ընկավ ու քնեց։

Չիպոլինոն շղթան հանեց, շանը շալակեց և տարավ այն ամրոցի մոտ, որտեղ ապրում էին կոմսուհի Բալերն ու ասպետ Պոմիդորը։ Ետ դառնալով, նա տեսավ, որ քավոր Դդումը արդեն նորից տիրացել է իր տնակին։ Ծերուկի դեմքը և պատուհանից դուրս ընկած քրքրված մորուքը աննկարագրելի ուրախություն էին արտահայտում։

«Խեղճ շուն, ― մտածում էր Չիպոլինոն, դեպի ամրոց գնալով, դու ինձ ներիր, խնդրում եմ, բայց ես պարտավոր էի այդպես վարվել։ Միայն հայտնի չէ, երբ քնից զարթնես, ինչպե՞ս շնորհակալ կլինես իմ տված թարմ ջրի համար»։

Ամրոցի դարբասները բաց էին։ Չիպոլինոն շանը դրեց այգու խոտերի վրա, քնքշորեն շոյեց նրան և ասաց․

― Ասպետ Պոմիդորին ինձնից բարև արա․ երկու կոմսուհիներին էլ։

Մաստինոն պատասխանեց երանելի մռլտոցով։ Նա երազում տեսնում էր, թե իբր լողանում է լեռնային լճում, հաճելի, սառը ջրում։ Լողանալով՝ նա խմում է սրտի ուզածի չափ և ինքն էլ աստիճանաբար ջուր է դառնում․ նրա պոչը ջուր է դարձել, ջուր էին դարձել ականջներն ու չորս թաթերը՝ թեթև ու երկար շատրվանի շիթերի պես։

― Հանգիստ քնիր, ― ավելացրեց Չիպոլինոն և վերադարձավ գյուղ։


Գլուխ հինգերորդ

Քավոր Հավամրգին դռների վրա գողերի համար զանգակ է կախում


Վերադառնալով գյուղ, Չիպոլինոն տեսավ, որ Դդումի տնակի մոտ շատ մարդիկ են հավաքվել։ Նրանք տագնապահար ու կիսաձայն խոսում էին իրար հետ։ Երևում էր, որ կարգին վախեցած են։

― Տեսնես էլի՞ որևէ բան կանի ասպետ Պոմիդորը, ― տխուր ու մտահոգ հարցրեց պրոֆեսոր Տանձը։

― Ես կարծում եմ, որ այս պատմությունը վատ կվերջանա։ Ինչ ուզում ես արա, նրանք են այստեղ տերն ու տիրակալը, դրա համար էլ ինչ սրտներն ուզում է, անում են, ― ասում էր սանամեր Դդումը։

Սոխ Պրասի կինն անմիջապես համաձայնեց նրան և, ամուսնու բեղերը սանձի պես բռնելով, ճչաց․

― Հապա մի տուն գնանք, քանի դեռ մի վատ բան չի պատահել։

Նույնիսկ վարպետ խաղողը տագնապած օրորում էր գլուխը։

― Ասպետ Պոմիդորն արդեն երկրորդ անգամն է հիմար վիճակի մեջ ընկնում։ Նա անպայման կուզենա վրեժ լուծել։ Միայն քավոր Դդումը չէր անհանգստանում։ Նրա գրպանում էլի կոնֆետ կար և նա բոլոր ներկա երեխաներին ուրախ դեպքի առթիվ հյուրասիրեց։

Չիպոլինոն մի կոնֆետ վերցրեց, և բերանը դնելով, սկսեց մտածել։

― Ես էլ եմ կարծում, որ Պոմիդորը հեշտությամբ չի զիջի, ― ասաց նա։

― Բայց այդ դեպքում․․․ վախեցած ճչաց Դդումը։

Ուրախ ժպիտը նրա դեմքից իսկույն չքացավ, կարծես արեգակը մտավ ամպերի տակ։

― Ես կարծում եմ, մեզ միայն մի բան է մնում՝ տունը թաքցնել։

― Ինչպե՞ս թե՝ թաքցնել։

― Շատ հասարակ։ Եթե սա պալատ լիներ, մեզ, իհարկե, չէր հաջողվի թաքցնել։ Բայց ախր տունն այնքան փոքր է, որ կարելի կլինի ձորձահավաքի սայլակով տանել։

Ձորձահավաքի տղան՝ Լոբիկը, վազեց տուն և իսկույն, սայլակը քարշ տալով, վերադարձավ։

― Դուք ուզում եք տնակը բարձել սայլակի վրա՞, ― անհանգստացած հարցրեց քավոր Դդումը։

Նա վախենում էր, թե իր թանկագին տնակը հանկարծ քարուքանդ կլինի։

― Մի՛ անհանգստացիր, տնակիդ ոչինչ չի լինի, ― ծիծաղեց Չիպոլինոն։

― Իսկ ո՞ւր տանենք, ― նորից հարցրեց քավոր Դդումը։

Նա վախենում էր, թե իր թանկագին տնակը հանկարծ քարուքանդ կլինի։

― Առայժմ կարելի է տանել իմ նկուղը, ― առաջարկեց վարպետ Խաղողը, ― իսկ հետո՝ կտենսնենք։

― Իսկ եթե սինյոր Պոմիդորը որևէ կերպ իմանա՞։

Այստեղ բոլորը միանգամից նայեցին փաստաբան Սիսեռիկին, որ կարծես պատահաբար անցնում էր այդտեղով և այնպես էր ցույց տալիս, թե անցնողը բոլորովին էլ ինքը չէր։

Փաստաբանը կարմրեց, բարևեց ու սկսեց երդվել․

― Ասպետ Պոմիդորն ինձանից ոչինչ չի իմանա, ես խաբարբզիկ չեմ, ես ազնիվ փաստաբան եմ։

― Նկուղում տնակը կխոնավանա և կարող է փուլ գալ, ― երկչոտ հակաճառեց քավոր Դդումը։ ― Իսկ ինչո՞ւ չպահենք անտառում։

― Իսկ այնտեղ ո՞վ կհսկի տնակը, ― հարցրեց Չիպոլինոն։

― Անտառումն է ապրում իմ ծանոթը, քավոր Հավամրգին, ― ասաց պրոֆեսոր Տանձը, ― կարելի է տնակը նրան վստահել։ Իսկ հետ կտեսնենք, թե ի՛նչ անենք։

Այդպես էլ որոշեցին։

Մի քանի րոպեում տնակը դրեցին սայլակի վրա։ Քավոր Դդումը հառաչելով հրաժեշտ տվեց տնակին և գնաց իր թոռնիկի, սանիկ Դդմիկի մոտ, որ այս բոլոր հուզումներից հետո մի փոքր հանգստանա։

Իսկ Չիպոլինոն, Լոբիկն ու Տանձը տնակն անտառ տարան։ Տանելն այնքան էլ դժվար չէր, քանի որ տնակը ավելի ծանր չէր քան թռչնավանդակը։

Քավոր Հավամրգին ապրում էր անցյալ տարվա շագանակի հաստ և փշոտ կեղևի մեջ։ Դա շատ նեղ բնակարան էր, բայց քավոր Հավամարգին իր ամբողջ ունեցվածքով, որ բաղկացած էր մրկրատի մի կեսից, ժանգոտած ածելուց, ասեղ ու թելից և պանրի մի կտորից, բավական հարմար էր տեղավորվել։

Երբ քավոր Հավամրգին լսեց, թե ի՛նչ են իրենից խնդրում, նա սկզբում սարսափելի անհանգստացավ։

― Ապրել այդքան մեծ տանը, ոչ, ես երբեք չեմ համաձայնի։ Դա անհնարին է։ Ես մեն֊մենակ ի՞նչ պիտի անեմ այդ հսկայական դատարկ պալատում։ Ես ինձ լավ եմ զգում իմ շագանակի կեղևում։ Գիտե՞ք հին առածը։ Ասում են՝ սեփական տանը պատերն էլ են մարդու օգնում։

Սակայն, երբ քավոր Հավամրգին իմացավ, որ անհրաժեշտ է օգնել քավոր Դդումին, անմիջապես համաձայնեց։

― Ես միշտ խղճացել եմ ծերուկին։ Մի անգամ ես նրան զգուշացրի, որ վզի մոտ որդ է սողում։ Ախր դրանով, կարելի է ասել, կործանումից փրկեցի։

Տնակը դրեցին մի մեծ կաղնու տակ։ Չիպոլինոն, Լոբիկը և Տանձը քավոր Հավամրգին օգնեցին, որ սա իր ամբողջ հարստությունը նոր տուն տեղափոխի և, խոստանալով շուտով վերադառնալ, հրաժեշտ տվեցին։

Մենակ մնալով, քավոր Հավամրգին լրջորեն անհանգստացավ։ Հանկարծ ու գողերը հարձակվեն։

«Հիմա, երբ իմ տունն այսքան մեծ է, պարզ է, որ ինձ կուզենան թալանել։ Ո՞վ գիտի, կարող է քնած տեղս ինձ նույնիսկ սպանեն, ենթադրելով, թե մոտս գանձ կա»։

Նա մտածեց, մտածեց և որոշեց դռան վրա մի զանգակ կախել, իսկ մեջը դնել տպագիր տառերով գրված այս գրությունը․

«Խոնարհաբար խնդրում ենք սինյոր գողերին, որ այս զանգակը զնգացնեն։ Նրանց իսկույն կթողնեն ներս, և սինյոր գողերը իրենց սեփական աչքերով կտեսնեն, որ տանը գողանալու ոչինչ չկա»։

Գրությունը գրելով, նա հանգստացավ, և երբ մթնեց, հանգիստ պառկեց քնելու։

Կես֊գիշերին նա արթնացավ զանգի ձայնից։

― Ո՞վ է, ― հարցրեց քավոր Հավամրգին, պատուհանից գլուխը հանելով։

― Գողեր են, ― պատասխանեց մի կոպիտ ձայն։

― Գալիս եմ, գալիս, միայն, խնդրում եմ, սպասք խալաթս հագնեմ, ― ասաց քավոր Հավամրգին։

Նա խալաթը հագավ, դուռը բաց արեց և գողերին խնդրեց, որ ամբողջ տունը խուզարկեն։ Գողերը երկու հսկայական, բարձրահասակ, սևամորուս տղաներ էին։ Նրանք հերթով, զգուշորեն, որպեսզի ուռույցքներ չստանան, գլուխները ներս մտցրին և շուտով համոզվեցին, որ տանելու բան չկա։

― Տեսնո՞ւմ եք, սինյորներ, համոզվեցի՞ք, ― ուրախացած ասաց քավոր Հավամրգին, ձեռքերը շփելով։

― Հը՛մ․․․ այո՛․․․ մռթմռթացին հիասթափված գողերը։

― Հավատացեք, ինձ համար տհաճ է ձեզ դատարկ ձեռքով ճամփու դնելը, ― շարունակեց քավոր Հավամրգին, ― չե՞մ կարող ձեզ որևէ օգուտ տալ։ Սափրվել չէի՞ք ուզենա, ես այստեղ ածելի ունեմ․ ճիշտ է, հին է, իմ ապու պապից մնացած ժառանգությունն է, բայց թվում է, մի կերպ կսափրի։

Գողերը համաձայնեցին։ Նրանք ժանգոտած ածելիով մի կերպ սափրվեցին և, մի քանի անգամ տանտիրոջը շնորհակալություն հայտնելով, գնացին։ Մի խոսքով՝ նրանք կարգին տղաներ դուրս եկան։

Ով գիտի, թե ինչո՞ւ էին նրանք այդքան վատ արհեստ ընտրել։

Քավոր Հավամրգին նորից անկողին մտավ և քնեց։

Ժամը երկուսին նրան արթնացրեց երկրորդ զանգահարությունը։ Էլի երկու գող էին եկել։

― Ներս մտեք, ― ասաց քավոր Հավամրգին, ― միայն հասկանալի է՝ հերթով, թե չէ տունը կքանդվի։

Այս գողերը մորուք չունեին, բայց նրանցից մեկը բաճկոնի վրա կոճակներ չուներ։

Ոչ մի կոճակ։ Քավոր Հավամրգին նրան նվիրեց ասեղն ու թելը և խորհուրդ տվեց զբոսանքի ժամանակ ոտքերի տակ ավելի ուշադիր նայել։

― Գիտե՞ք ինչ, ճանապարհի վրա միշտ շատ կոճակներ են թափված լինում, ― բացատրեց նա գողին։

Այս գողերն էլ գնացին իրենց գործին։

Մի խոսքով, քավոր Հավամրգուն ամեն գիշեր արթնացնում էին գողերը, որոնք զանգակը զնգացնում էին, ներս էին մտնում, նայում և ետ գնում, չնայած առանց ավարի, բայց շատ գոհ, որ ծանոթացան այս բարի ու քաղաքավարի փոքրիկ տանտիրոջ հետ։

Այսպիսով, ինչպես տեսաք, քավոր Դդմի տնակը լավ հսկողության տակ էր։ Այժմ եկեք բաժանվենք նրանից և տեսնենք, թե ի՛նչ է կատարվում մյուս տեղերում։


Գլուխ վեցերորդ

Որտեղ պատմվում է այն մասին, թե ինչքան գլխացավանք ու տհաճություն պատճառեցին կոմսուհիներին նրանց ազգականները՝ բարոն Նարինջն ու հերցոգ Մանդարինը


Հիմա մեզ անհրաժեշտ է մտնել կոմսուհիներ Բալերի ամրոցը, որոնք, ինչպես երևի հասկացել եք, ամբողջ գյուղի՝ տների, հողի և նույնիսկ զանգակատնով եկեղեցու տերն ու տնօրենն էին։

Այն օրը, երբ Չիպոլինոն քավոր Դդումի տունը տեղափոխեց անտառ, ամրոցում արտակարգ աշխուժություն էր տիրում․ ամրոցի տերերի մոտ էին եկել նրանց ազգականները։

Ազգականները երկուսն էին՝ բարոն Նարինջը և հերցոգ Մանդարինը։ Բարոն Նարինջը սինյորա կոմսուհի Ավագի հանգուցյալ ամուսնու հորեղբոր տղան էր։ Իսկ հերցոգ Մանդարինը սինյորա կոմսուհի Կրտսերի հանգուցյալ ամուսնու հորեղբոր տղան էր։ Բարոն Նարինջը արտակարգ մեծ փոր ուներ։ Ի միջի այլոց, զարմանալու ոչինչ չկա այստեղ, նա բացի ուտելուց ուրիշ ոչինչ չէր անում, և միայն քնելիս էին նրա ծնոտները մի երկու ժամ հանգստանում։

Երբ դեռ բարոն Նարինջը ջահել էր, քնում էր երեկոյից մինչև առավոտ, որպեսզի կարողանար ամբողջ օրվա կերածը մարսել։ Բայց հետո նա ասաց․

«Քնել՝ այդ նշանակում է ժամանակ կորցնել, չէ՞որ երբ քնում եմ, ոչինչ չեմ կարողանում ուտել»։

Դրա համար էլ նա որոշեց սնվել նաև գիշերը, մարսողության համար օրվա մեջ թողնելով միայն մեկ֊երկու ժամ։ Որպեսզի հագեցնեն բարոն Նարնջի քաղցը, նրա բազմաթիվ հողերից, որ տարածված էին ամբողջ մարզում, ամեն օր բազմազան ուտելիքներով բարձած մեծաթիվ քարավաններ էին ուղևորվում նրա մոտ։

Խեղճ գյուղացիները չգիտեին, թե էլ ի՛նչ ուղարկեն նրան։ Նա խժռում էր ձվեր, հավեր, խոզեր, այծեր, կովեր, ճագարներ, մրգեր, բանջարեղեն, հաց, պաքսիմատ, գաթա․․․ Երկու ծառա զբաղված էին Նարնջի բերանը դնելով այն բոլորը, որ բերվում էր նրա համար։ Երբ սրանք հոգնում էին, նրանց փոխարինում էին ուրիշ երկուսը։

Վերջ ի վերջո գյուղացիները նրա մոտ մարդ ուղարկեցին, որ ասի, թե այլևս ուտելու ոչինչ չի մնացել։ Ամբողջ անասունը կերված է, ամբողջ մրգեղենը ծառերից պոկված։

― Այդ դեպքում ծառերը ուղարկեք ինձ, ― հրամայեց Նարինջը։

Գյուղացիները ծառերն ուղարկեցին, և նա, տերևներն ու արմատները ձիթապտղի յուղի մեջ թաթախելով և վրանները աղ լցնելով, ծառերն էլ խժռեց։

Երբ բոլոր պտղատու ծառերը կերավ վերջացրեց, բարոնը սկսեց իր հողերը վաճառել և ստացած փողերով ուտելիք գնել։ Ամբողջ կալվածքը վաճառելուց հետո, նամակ գրեց սինյորա կոմսուհի Ավագին, թույլտվություն խնդրեց նրա մոտ հյուր գնալու։

Ճիշտն ասած, սինյորա կոմսուհի Կրտսերն այնքան էլ գոհ չէր։

― Բարոնը մեր ամբողջ կարողությունը կուտի։ Նա մեր ամրոցը մի ափսե մակարոնի նման կուլ կտա։

Սինյորա կոմսուհի Ավագը լաց եղավ։

― Դու չես ուզում իմ հարազատներին ընդունել։ Ա՜խ, դու երբեք չես սիրել իմ խեղճ հաստափոր բարոնին։

― Լա՛վ, ասաց կոմսուհի կրտսերը, ― կանչիր քո բարոնին, բայց ես էլ կկանչեմ հերցոգ Մանդարինին, իմ խեղճ հանգուցյալ ամուսնու հորեղբոր տղային։

― Խնդրեմ, արհամարհանքով պատասխանեց Ավագը, դե նա հավի ճտից էլ քիչ կուտի։ Քո խեղճ ամուսնու (աստված հոգին լուսավորի) ազգականներն այնքան մանր ու նիհար են, որ գետնի վրա չեն երևում։ Իսկ իմ խեղճ հանգուցյալ ամուսնու (աստված հոգին լուսավորի) ազգականները ոնց որ ջոկածուրիկ լինեն՝ բարձր են, հաստ ու նշանավոր։

Եվ իսկապես, բարոն Նարինջը շատ նշանավոր անձնավորություն էր․ նա մի կիլոմետրի վրա էլ սարի չափ էր երևում։ Ստիպված նրա համար ծառա վարձեցին, որպեսզի նրա մեծ փորը տեղափոխի։ Ինքը բարոնն ի վիճակի չէր քարշ տալու իր հսկայական փորը։

Պոմիդորը մարդ ուղարկեց ձորձահավաք Լոբուն կանչելու, որ սա իր սայլակով գա ամրոցը։ Բայց Լոբին սայլակը չգտավ․ ինչպես գիտեք, սայլակը վերցրել էր նրա տղան՝ Լոբիկը։ Դրա համար էլ նա քարշ տալով բերեց մի ձեռնասայլակ, որով սովորաբար որմնադիրները կիր են տեղափոխում։

Սինյոր Պոմիդորը բարոն Նարնջին օգնեց փորը ձեռնասայլակին դնելիս և գոռաց․

― Դե, գնացինք․․․

Լոբին ինչքան ուժ ուներ սկսեց քաշել հին, ջարդված ձեռնասայլակը․ բայց ոչ մի սանտիմետր էլ չկարողացավ տեղից շարժել՝ բարոնը հենց նոր էր կուշտ նախաճաշել։

Երկու ծառա էլ կանչեցին։ Նրանց օգնությամբ բարոնին վերջապես հաջողվեց այգու ծառուղիներում մի փոքր զբոսնել։ Ձեռնասայլակի անիվը երբեմն ելնում էր ամենաբարձր և սուր քարերին, և ցնցումներն այնպես էին ազդում խեղճ բարոնի փորի վրա, որ ճակատը սառը քրտինքով ծածկվեց։

― Զգո՜ւյշ եղեք, այստեղ քարեր կան, ― ձայն էր տալիս նա։

Լոբին ու ծառաներն սկսեցին զգուշորեն անցնել բոլոր քարերի կողքից, որպեսզի սրանք անիվի տակ չընկնեն։ Բայց այդ պատճառով էլ հենց ձեռնասայլակը փոսի մեջ ընկավ։

― Հե՜յ, բերանբացներ, ի սեր աստծո, էլ փոսերը չընկնեք, ― աղաղակեց բարոնը։

Սակայն, չնայած ցնցումներին ու ցավերին, նա չէր ընդհատում իր սիրած զբաղմունքը և ճանապարհին եռանդով կրծում էր տապակած մի հնդկահավ, որ սինյորա կոմսուհի Ավագն էր պատրաստել նրա համար։

Հերցոգ Մանդարինը նույնպես տանտիրուհիներին և ծառաներին քիչ գլխացավանք չէր պատճառում։ Սինյորա կոմսուհի Կրտսերի աղախինը, խեղճ Մորին, առավոտից իրիկուն Մանդարինի շապիկներն էր արդուկում։ Երբ նա բերում էր արդուկած սպիտակեղենը, հերցոգը դժգոհ տեսք էր ընդունում, փնչում էր, հեծկլտում, իսկ հետո բարձրանում պահարանի վրա և ամբողջ տնով մեկ ճչում․

― Օգնեցե՜ք, մեռնում եմ։

Գլխապատառ վազում գալիս էր սինյորա կոմսուհի Կրտսերը իրար հետևից Մանդարինին էր նվիրում իր հանգուցյալ ամուսնու մետաքսե շապիկները։

Հերցոգն զգուշորեն իջնում էր պահարանից և սկսում շապիկները փորձել։

Մի քիչ հետո նրա սենյակից դարձյալ գոռգոռոց էր լսվում․

― Օ՜, երկինք, ես մեռնում եմ։

Սինյորա կոմսուհի Կրտսերը սիրտը բռնելով նորից սլանում էր նրա մոտ։

― Իմ թանկագին Մանդարին, ի՞նչ պատահեց։

Հայելու կատարից Հերցոգը ճչում էր․

― Օ՜, ես կորցրել եմ օձիքիս ամենալավ կոճակը և չեմ ուզում այլևս ապրել։ Սա այնքան ծանր կորուստ է ինձ համար։

Որպեսզի հանգստացնի հերցոգին, կոմսուհի Կրտսերը վերջ ի վերջո իր հանգուցյալ ամուսնու օձիքի բոլոր կոճակները նվիրեց նրան, իսկ այդ բոլոր կոճակները ոսկուց, արծաթից և թանկագին քարերից էին։

Մի խոսքով, դեռ արևը մայր չէր մտել, իսկ սինյորա կոմսուհի Կրտսերն արդեն ոչ մի թանկարժեք իր չուներ, իսկ հերցոգ Մանդարինը մի ամբողջ ճամպրուկ նվերներ էր ստացել և ինքնագոհ ձեռքերն էր շփում։

Երկու ազգականների անսահման ագահությունը լրջորեն անհանգստացնում ու հուզում էր կոմսուհիներին, և նրանք իրենց զայրույթը թափում էին խեղճ Բալուկի վրա, որը կոմսուհիների ազգականն էր ու ո՛չ հայր ուներ, ո՛չ մայր։

― Ձրիակե՛ր, ― գոռում էր նրա վրա սինյորա կոմսուհի Ավագը, ― անմիջապես գնա խնդիրներդ լուծի։

― Բայց ես արդեն բոլորը լուծել եմ։

― Նորերը լուծիր, ― խստորեն կարգադրում էր սինյորա կոմսուհի Կրտսերը։

Բալուկը հնազանդորեն գնում էր նոր խնդիրներ լուծելու։ Յուրաքանչյուր օր նա այնքան խնդիրներ էր լուծում, որ մի քանի տետրակ էր գրոտում, և շաբաթվա մեջ տետրակների մի ամբողջ կույտ էր գոյանում։

Ազգականների գալստյան օրը կոմսուհիները անընդհատ հարձակվում էին Բալուկի վրա։

― Ծույլ, ի՞նչ ես այստեղ քարշ գալիս։

― Ես ուզում էի այգում մի քիչ զբոսնել։

― Այգում զբոսնում է բարոն Նարինջը․ այնտեղ քեզ նման անգործների տեղը չէ։ Անմիջապես գնա դասերդ սովորի։

― Բայց ես արդեն դասերս սովորել եմ։

― Վաղվա դասերդ սովորիր։

Միշտ հնազանդ Բալուկը վաղվա դասերն էլ էր պատրաստում։ Յուրաքանչյուր օր նա այնքան դասեր էր պատրաստում, որ արդեն անգիր էր արել իր բոլոր դասագրքերը և կարդացել էր ամրոցի գրադարանի բոլոր գրքերը։ Բայց կոմսուհիները հենց որ Բալուկի ձեռքին գիրք էին տեսնում, ավելի էին բարկանում։

Անմիջապես գիրքը դիր տեղը, հանդուգն, թե չէ կպատռես։

Բայց ինչպե՞ս պիտի դասերս առանց գրքի սովորեմ։

Անգիր սովորիր։

Բալուկը գնում էր իր սենյակը և սկսում էր սովորել ու սովորել, այս անգամ արդեն, հասկանալի է, առանց գրքի։ Անդադար սովորելուց նրա գլուխն սկսում էր ցավել, և կոմսուհիները նորից էին վրան գոռգոռում։

― Դու միշտ հիվանդանում ես, որովհետև անընդհատ մտածում ես։ Քիչ մտածիր, դեղերի վրա քիչ ծախս կանենք։

Մի խոսքով, Բալուկը ինչ էլ որ աներ, կոմսուհիները դժգոհ էին մնում։

Բալուկը չգիտեր, թե ինչպես մի քայլ անի, որ հանդիմանություն չստանա։ Նա իրեն սարսափելի դժբախտ էր զգում։

Ամբողջ ամրոցում նա միայն մի բարեկամ ուներ, դա աղախին Մորին էր։ Նա խղճում էր այդ փոքրիկ, խեղճ տղային, որն ակնոց էր կրում, և որին ոչ ոք չէր սիրում։ Մորին Բալուկի հետ սիրալիր էր, և երեկոները, քնելուց առաջ թաքուն, միշտ մի համեղ բան էր բերում նրան։

Բայց այսօր բարոն Նարինջը բոլոր համեղ բաները կերել էր։

Հերցոգ Մանդարինն էլ էր քաղցրեղեն ուզում։ Նա անձեռոցիկը գցեց հատակին, բարձրացավ բուֆետի վրա և վայնասուն բարձրացրեց․

― Բռնեցե՜ք ինձ, թե չէ ես ինձ ցած կգցեմ։

Սակայն այս անգամ նրան ոչ մի վայնասուն էլ չօգնեց․ բարոնը միանգամայն հանգիստ կերավ֊պրծավ քաղցրեղենը և բոլորովին էլ ուշադրություն չդարձրեց Մանդարինի վրա։

Սինյորա կոմսուհի Կրտսերը ծնկի եկավ բուֆետի առաջ և արցունքն աչքերում աղաչեց իր թանկագին աղգականին, որ ծաղիկ հասակում չմեռնի։

Իհարկե, հարկավոր էր որևէ նվեր խոստանալ, որ Մանդարինը ցած իջներ, բայց կոմսուհին արդեն ոչինչ չուներ։

Վերջապես հերցոգ Մանդարինը հասկացավ, որ ոչինչ չի կարող ստանալ, և երկար համոզելուց հետո որոշեց ցած իջնել ասպետ Պոմիդորի օգնությամբ, որը հուզմունքից ու զոռից ամբողջովին քրտնել էր։

Հենց այդ րոպեին էլ սինյոր Պոմիդորին լուր բերեցին քավոր Դդումի տնակի խորհրդավոր անհայտացման մասին։

Ասպետը երկար չմտածեց, նա անմիջապես բողոք ուղարկեց իշխան Լիմոնին և խնդրեց մի երկու տասնյակ Լիմոնուկ ուղարկել գյուղ։


❊ ❊ ❊

Լիմոնուկները գյուղ հասան հաջորդ օրը և տեղնուտեղը գյուղում կարգ ու կանոն հաստատեցին․ շրջեցին բոլոր տները և ով պատահեց՝ ձերբակալեցին։

Առաջին բանտարկվածներից էր վարպետ Խաղողը։ Կոշկակարը բիզը հետը վերցրեց, որ ազատ ժամանակ ծոծրակը քորի, և հետևեց ոստիկաններին։ Բայց Լիմոնուկները նրա բիզը խլեցին։

― Դու հետդ զենք վերցնելու իրավունք չունես, ― ասացին նրանք վարպետ խաղողին։

― Իսկ ինչո՞վ ծոծրակս քորեմ։

― Հենց որ քորվել ուզենաս, ասա մեր պետերից մեկն ու մեկին։ Տե՛ս թե մենք այն ժամանակ քո գլուխը ոնց կքորենք։

Եվ Լիմոնուկն իր սրածայր թրով խուտուտ տվեց կաշկակարի ծոծրակը։

Պրոֆեսոր Տանձին էլ ձերբակալեցին։ Սա խնդրեց, որ թույլ տան հետը վերցնի ջութակն ու մի մոմ։

― Մոմն ի՞նչ ես անում։

― Կինս ասում է, թե ամրոցի նկուղում շատ մութն է, իսկ ես պիտի նոտաներ սովորեմ։

Մի խոսքով, գյուղի բոլոր բնակիչները ձերբակալվեցին։ Փրկվեցին միայն սինյոր Սիսեռիկը, որովհետև նա փաստաբան էր, և սոխ Պրասը, որին պարզապես չգտան։

Իսկ սոխ Պրասը չէր էլ թաքնվել։ Նա հանգիստ նստած էր իր պատշգամբում։ Նրա բեղերը ձգված էին պարանի փոխարեն և դրանց վրա սպիտակեղեն էր փռված։ Սավանները, շապիկներն ու գուլպաները տեսնելով, Լիմոնուկները անցան նրա մոտով և այդպես էլ չնկատեցին տան տիրոջը։

Քավոր Դդումը գնում էր Լիմոնուկների հետևից և իր սովորության համաձայն խոր հոգոց հանում։

― Ինչո՞ւ ես այդքան հառաչում, ― խստորեն հարցրեց Սպան։

― Ինչպե՞ս չհառաչեմ։ Ամբողջ կյանքում աշխատել եմ և միայն հառաչանքներ եմ հավաքել։ Օրական մի հառաչանք․․․ Հիմա մի քանի հազար հառաչանք ունեմ կուտակած։ Պետք է, որ մի կերպ նրանց օգտագործեմ։

Կանանցից ձերբակալեցին միայն սանամեր Դդումին, և քանի որ սա հրաժարվեց բանտ գնալ, խփելով գցեցին ցած, և նա այդպես մինչև ամրոց գլորվեց։ Դե նա այնքան կլոր էր, ո՜ր․․․

Բայց ինչքան էլ Լիմոնուկները խորամանկ էին, էլի նրանց չհաջողվեց Չիպոլինոյին ձերբակալել, չնայած որ նա մի Բողկ անունով աղջկա հետ նստած էր ցանկապատին և կամակոր հայացքով նայում էր ոստիկաններին։

Ցանկապատի մոտով անցնելիս Լիմոնուկները նույնիսկ նրան ու Բողկին հարցրին, թե մոտերքում չե՞ն տեսել մի վտանգավոր խռովարարի Չիպոլինո անունով։

― Տեսե՛լ ենք, տեսե՛լ, ― ճղճղացին նրանք, ― նա քիչ առաջ թաքնվեց ձեր սպայի եռանկյոնի գլխարկի տակ։

Եվ բարձր ծիծաղելով, երեխաները հեռու փախան։

Նույն օրը Չիպոլինոն ու Բողկը գնացին ամրոցի կողմը հետախուզության։ Չիպոլինոն որոշեց ինչ գնով էլ լինի գերիներին ազատել, իսկ Բողկը, հասկանալի է, խոստացավ ամեն ինչում օգնել նրան։

Գլուխ յոթերորդ

Որտեղ Բալուկը ուշադրություն չի դարձնում սինյոր Մաղդանոսի հայտարարություններին


Կոմսուհիներ Բալերի ամրոցը բլրի գագաթին էր։ Ամրոցը շրջապատված էր մի հսկայական այգով։ Այգու դռան մոտ հայտարարություն էր կախված, որի մի երեսին գրված էր «Մուտքը արգելված է», իսկ մյուս երեսին՝ «Ելքը արգելված է»։

Հայտարարության առաջին երեսը գյուղացի երեխաների համար էր, որպեսզի նրանք երկաթե ցանկապատը չանցնեին։ Իսկ հակառակ կողմը Բալուկի համար էր նախատեսված, որպեսզի նա հանկարծ դուրս չգա և գնա գյուղացի երեխաների մոտ։

Բալուկը մեն֊մենակ շրջում էր այգում։ Նա զգուշորեն քայլում էր ուղիղ ծառուղով և անընդհատ մտածում էր այն մասին, թե ինչպե՞ս անի, որ հանկարծ ոտքը չդնի ծաղկաթմբի վրա և տրորի ծաղիկները։ Նրա դաստիարակը, սինյոր Մաղդանոսը, ամբողջ այգով մեկ հայտարարություններ էր կախել, որոնցում ասվում էր, թե Բալուկին ի՛նչ է թույլատրվում և ի՛նչ է արգելվում։

Այսպես, ոսկե ձկնիկների ավազանի մոտ կախված էր՝

«Բալուկին արգելվում է ձեռքերը մտցնել ջրի մեջ» ― մակագրությունը։

Այստեղ ուրիշ հայտարարություն էլ կար․

«Ձկների հետ արգելվում է խոսել»։

Ծաղկաթմբի մեջտեղում շողշողում էր այսպիսի մի մակագրություն՝

«Արգելվում է ծաղիկներին ձեռք տալ։ Խախտողը կմնա առանց քաղցրավենիքի»։

Նույնիսկ այսպիսի զգուշացում կար․

«Նա, ով խոտը կտրորի, պարտավոր է երկու հազար անգամ գրել հետևյալ բառերը՝ «Ես անդաստիարակ տղա եմ»։

Այս բոլոր մակագրությունները հնարել էր սինյոր Մաղդանոսը՝ Բալուկի տնային ուսուցիչը և դաստիարակը։

Մի անգամ տղան իր բարձրազարմ հորաքույրներին խնդրեց, որ իրեն թույլ տան հաճախելու գյուղական դպրոցը այն երեխաների հետ, որոնք ուրախ֊ուրախ վազվզում էին ամրոցի մոտով և դրոշակների պես թափահարում իրենց պայուսակները։ Բայց սինյորա կոմսուհի Ավագը սարսափահար եղավ։

― Ինչպե՞ս կարող է կոմս Բալը մի նստարանի վրա նստել ինչ֊որ հասարակ գյուղացու հետ։ Դա չտեսնված բան է։

Սինյորա կոմսուհի Կրտսերը հաստատեց․

― Բալերը երբեք չեն նստել դպրոցական չոր նստարանին։ Այդպես չի եղել և երբեք էլ չի լինի։

Վերջ ի վերջո Բալուկի համար տնային ուսուցիչ վարձեցին սինյոր Մաղդանոսին, որը շատ տարօրինակ մի հատկություն ուներ․ հանկարծ հայտնվում էր չգիտես որտեղից և միշտ անհարկի։ Օրինակ, եթե Բալուկը դասերը պատրաստելիս ուշադրություն է դարձնում թանաքի մեջ գրել սովորելու համար ընկած ճանճին, անմիջապես, չգիտես ո՛րտեղից, հայտնվում է սինյոր Մաղդանոսը։ Նա բաց է անում իր հսկայական կարմիր և կապույտ վանդակներով պատած թաշկինակը, քիթը շրխկոցով մաքրում ու սկսում խեղճ Բալուկի գկխին ճառ կարդալ։

― Վատ կլինի այն տղաների բանը, որոնք կտրվում են իրենց պարապմունքից և նայում ճանճերին։ Այստեղից էլ սկսվում են բոլոր դժբախտությունները։ Մի ճանճից հետո մյուսը կգա, նրանից հետո՝ երրորդը, չորրորդը, հինգերորդը․․․ Հետո այդ տղաներն աչքները չռում են սարդերի վրա, կատուների, մյուս բոլոր կենդանիների վրա և, իհարկե, մոռանում են դասերը։ Իսկ նա, ով դասերը չի սովորում, չի կարող բարոյական տղա դառնալ։ Անբարոյական տղան չի կարող բարեկիրթ մարդ դառնալ։ Իսկ ոչ բարեկիրթ մարդիկ վերջ ի վերջո բանտ են ընկնում։ Այսպես, Բալուկ, եթե չես ուզում կյանքդ բանտում անցկացնել, էլ ճանճի մի՛ նայիր։

Իսկ եթե Բալուկը դասերից հետո վերցնում է ալբոմը, որ մի քիչ նկար անի, տեսար էլի սինյոր Մաղդանոսը հայտնվեց։ Նա դանդաղ բաց է անում վանդակավոր թաշկինակն ու իր ճառն սկսում․

― Վատ կլինի այն տղաների վերջը, որոնք ժամանակ են կորցնում թուղթ մրոտելու վրա։ Ի՞նչ կդառնան նրանք, երբ մեծանան։ Լավագույն դեպքում կդառնան ներկարար, այն կեղտոտ, վատ հագնված աղքատներից, որոնք ամբողջ օրը պատերի նախշեր են քաշում, իսկ հետո բանտ են ընկնում, որովհետև դրան արժանի են։ Բալուկ, մի՞թե դու ուզում ես բանտ ընկնել։ Մտածի՛ր, Բալուկ։

Բանտից վախենալով, Բալուկը ուղղակի չգիտեր, թե ի՛նչ գործ աներ։

Բարեբախտաբար, երբեմն պատահում էր, որ սինյոր Մաղդանոսը մի քիչ քնում էր կամ հաճույքի համար խողողի օղի էր խմում։ Այդպիսի բացառիկ րոպեներին Բալուկը ազատ էր լինում։ Սակայն սինյոր Մաղդանոսն այսպիսի դեպքերում էլ միշտ իր ներկայությունն զգացնել էր տալիս։ Ամեն տեղ կախ էին տված նրա խրատական մակագրությունները։ Դա նրան հնարավորություն էր տալիս մի քիչ երկար քնել։ Ստվերախիտ ծառի տակ հանգստանալով, նա համոզված էր, որ իր սանն իզուր տեղը ժամանակ չի կորցնում և այգում զբոսնելով յուրացնում է իր խրատները։

Բայց երբ Բալուկն անցնում էր այդ հայտարարությունների կողքով, սովորաբար ակնոցները հանում էր։ Այսպիսով, նա չէր տեսնում, թե ի՛նչ է գրված տախտակների վրա, և կարող էր հանգիստ մտածել ինչի՛ մասին ուզում էր։

Այսպես՝ Բալուկը իր մտքերով տարված շրջում էր այգում, երբ հանկարծ լսեց, թե ինչպես բարակ ձայնով մեկը կանչում է իրեն․

― Սինյո՜ր Բալուկ, սինյո՜ր Բալուկ։

Բալուկը շուռ եկավ և ցանկապատի մյուս կողմում տեսավ իր տարիքի մի տղայի, որ աղքատ էր հագնված և ուրախ ու խելացի դեմք ուներ։ Տղայի հետևից մոտ տասը տարեկան մի աղջիկ էր գալիս։ Նրա մազերը հյուսված էին և նման էին բողկի պոչի։

Բալուկը քաղաքավարի գլուխ տվեց ու ասաց․

― Բարև ձեզ, սինյորներ։ Ես ձեզ հետ ծանոթ լինելու պատիվը չունեմ, բայց ձեզ հետ ծանոթանալը շատ հաճելի կլիներ ինձ համար։

― Դե էլ ինչո՞ւ մոտիկ չեք գալիս։

― Դժբախտաբար չեմ կարող․ այստեղ հայտարարություն է կախված, որ ես իրավունք չունեմ գյուղացի երեխաների հետ խոսելու։

― Գյուղացի երեխաները հենց մենք ենք, որ կանք, իսկ դուք արդեն մեզ հետ խոսում եք։

― Որ այդպես է, հիմա կմոտենամ ձեզ։

Բալուկը շատ բարեկիրթ և ամաչկոտ տղա էր, բայց վճռական րոպեներին կարողանում էր գործել համարձակ, առանց տատանման։ Նա քայլեց խոտերի վրայով, մոռանալով որ խոտ տրորելն արգելվում է, և ընդհուպ մոտեցավ ցանկապատի ճաղերին։

― Իմ անունը Բողկ է, ― ներկայացավ աղջիկը, ― իսկ սա Չիպոլինոն է։

― Շատ հաճելի է, սինյորինա։ Շատ ուրախ եմ, սինյոր Չիպոլինո։ Ես ձեր մասին արդեն լսել եմ։

― Իսկ ումի՞ց։

― Ասպետ Պոմիդորից։

― Այդ դեպքում, իհարկե, նա իմ մասին ոչ մի լավ բան չի ասել։

― Իհարկե ոչ։ Բայց հենց դրա համար էլ ես մտածեցի, որ դուք երևի հիանալի տղա եք։ Եվ տեսնում եմ, որ չեմ սխալվել։

Չիպոլինոն ժպտաց․

― Շատ հրաշալի է։ Ուրեմն էլ ինչու ենք ձևականություն բանեցնում և հին պալատականների նման «դուք»֊ով խոսում։ Արի «դու»֊ով խոսենք։

Բալուկն իսկույն հիշեց խոհանոցի դռան մակագրությունը, որտեղ ասված էր․ «Ոչ ոքի «դու» չասել»։ Այս հայտարարությունն ուսուցիչը կախել էր այն բանից հետո, երբ Բալուկին ու Մորուն տեսել էր իրար հետ մտերմորեն զրուցելիս։ Չնայած դրան, Բալուկը որոշեց խախտել նաև այդ կանոնը։ Նա ուրախ պատասխանեց։

― Համաձայն եմ, խոսնեք «դու»֊ով։

Բողկն անչափ գոհ էր։

― Իսկ ի՞նչ էի ես քեզ ասում, Չիպոլինո, տեսնո՞ւմ ես․ Բալուկը հիանալի տղա է։

― Մերսի, սինյորինա, ― խոնարհվելով ասաց Բալուկը, բայց իսկույն կարմրելով ավերացրեց, ― շնորհակալ եմ Բողկիկ։

Երեքն էլ ուրախ ծիծաղեցին։ Սկզբում Բալուկը միայն բերանի անկյունով էր ծիծաղում, չմոռանալով սինյոր Մաղդանոսի խորհուրդը, որը միշտ ասում էր, թե բարեկիրթ տղաների համար բարձրաձայն ծիծաղելն անհարմար է։ Բայց հետո տեսնելով, թե ինչպես էին Չիպոլինոն ու Բողկը բարձր քրքջում, նա էլ սկսեց լիաթոք ծիծաղել։

Այդքան ուրախ ու զրնգուն ծիծաղ ամրոցում դեռ չէր լսվել։ Երկու ազնվաբարո կոմսուհիներն էլ այդ րոպեին պատշգամբում նստած թեյ էին խմում։

Սինյորա կոմսուհի Ավագը լսելով ծիծաղի ձայնը, ասաց․

― Ես ինչ֊որ տարօրինակ աղմուկ եմ լսում։

Սինյորա կոմսուհի Կրտսերը գլխով համաձայնության նշան արեց։

― Ես էլ ինչ֊որ ձայներ եմ լսում։ Երևի անձրև է գալիս։

― Քույրիկ, համարձակվում եմ ասել, որ ոչ մի անձրև էլ չկա, ― խրատական տոնով արտասանեց սինյորա կոմսուհի Ավագը։

― Չկա, ուրեմն կլինի, ― վճռական հակաճառեց սինյորա կոմսուհի Կրտսերն ու նայեց երկնքին, որպեսզի այնտեղ իր ասածը հաստատող որևէ բան գտնի։

Սակայն երկինքն այնքան մաքուր էր, որ կարծես հինգ րոպե առաջ ավլել ու լվացել էին։ Այնտեղ ոչ մի ամպիկ չէր երևում։

― Ես կարծում եմ, որ այդ շատրվանն է աղմկում, ― նորից սկսեց կոմսուհի Ավագը։

― Մեր շատրվանն աղմկել չի կարող։ Ախր հայտնի է ձեզ, որ ջուր չկա այնտեղ։

― Երևի պարտիզպանը նորոգել է արդեն։

Պոմիդորը նույնպես լսեց տարօրինակ աղմուկը և հուզվեց։

«Ամրոցի ներքնատանը շատ բանտարկյալներ կան, ― մտածեց նա, ― հարկավոր է զգույշ լինել, թե չէ ինչ ասես կարող է պատահել»։

Նա որոշեց շրջել այգում և հանկարծ ամրոցի հետևում, որտեղից անցնում էր գյուղի ճանապարհը, հանդիպեց երեխաներին, որոնք կանգնած ուրախ զրուցում էին։

Եթե հանկարծ երկինքը ճաքեր ու այնտեղից հրեշտակները թափվեին երկրի վրա, ասպետ Պոմիդորն այդքան չէր զարմանա։ Բալուկը տրորում է խոտը։ Բալուկը մտերմորեն խոսում է երկու գջլոտի հետ․․․ Դեռ այդ քիչ է՝ այդ երկու գջլոտներից մեկը նա էր, որ վերջերս ստիպեց իրեն դառը արտասուք թափել։

Ասպետ Պոմիդորը կատաղեց։ Նրա դեմքն այնպես բոցկլտաց, որ մոտերքում, եթե հրշեջներ լինեին, անպայման հրդեհային տագնապ կբարձրացնեին։

― Սինյոր կոմս, ― բողոքեց Պոմիդորն օտարոտի ձայնով։

Բալուկը շուռ եկավ և գունատված կպավ ճաղերին։

― Բարեկամնե՛ր, ― շշնջաց նա, ― փախե՛ք՝ քանի ասպետ Պոմիդորը հեռու է։ Ինձ որ նա ոչինչ չի համարձակվի անել, իսկ ձեր բանը բուրդ կլինի։ Ցտեսություն։

Չիպոլինոն և Բողկը ինչքան ուժ ունեին փախան, բայց երկար ժամանակ լսում էին ասպետ Պոմիդորի մոլեգին ճիչերը։

― Այս անգամ մեր արշավանքն անհաջող անցավ, ― հառաչելով ասաց Բողկը։

Բայց Չիպոլինոն միայն ժպտաց․

― Իսկ իմ կարծիքով այսօր շատ հաջող օր է։ Մենք մի նոր բարեկամ ունենք, և դա քիչ չէ արդեն։


Այդ նոր բարեկամը, այինքն՝ Բալուկը, մենակ մնալով սպասում էր, որ իրեն ամենադաժան ձևով անխուսափելիորեն կպատժեն և գլխին նախատինքներ կթափեն թե՛ ասպետ Պոմիդորը, թե՛ սինյոր Մաղդանոսը, թե՛ սինյորա կոմսուհի Ավագը, թե՛ սինյորա կոմսուհի կրտսերը, թե՛ բարոն Նարինջն ու հերցոգ Մանդարինը։

Երկու ազգականներն էլ վաղուց արդեն գլխի էին ընկել, որ ով տանջում է Բալուկին, դրանով հաճույք է պատճառում նրա կոմսուհի հորաքույրներին և, առիթը բաց չէին թողնում, որպեսզի խայթեն անպաշտպան երեխային։ Այդ բոլորին նա վաղուց էր սովոր։

Բայց այս անգամ Բալուկի կոկորդին մի գունդ էր կանգնել և նա դժվարությամբ էր արցունքները զսպում։ Նրան բոլորովին չէին վախեցնում այդ ճիչերը, հանդիմանություններն ու սպառնալիքները։ Իրեն ի՞նչ, թե երկու կոմսուհիները կճղճղան, թե սինյոր Մաղդանոսը բարոյական ձանձրալի ճառեր կկարդա, թե քավթառ հերցոգ Մանդարինը կծաղրի։ Բայց նա իրեն շատ դժբախտ էր զգում։ Կյանքում առաջին անգամ նա ընկերներ գտավ, առաջին անգամ կուշտ խոսեց ու ծիծաղեց ամբողջ սրտով, և ահա նորից մենակ է․․․ Այն պահից, երբ Չիպոլինոն ու Բողկը բլրից ցած վազեցին, նրանք Բալուկի համար հավիտյան կորան։ Էլ կտեսնի՞ նրանց երբևէ։ Ինչ ասես չէր տա Բալուկը, միայն թե կրկին լիներ նրանց հետ, այնտեղ, ազատության մեջ, ուր չկան հայտարարություններ ու արգելքներ, որտեղ կարելի է խոտերի մեջ վազվզել ու ծաղիկներ փնջել։

Առաջին անգամ կյանքում Բալուկը սրտում զգաց այդ տարօրինակ անտանելի ցավը, որ տանջանք է կոչվում։ Այն արդեն նրա համար շատ էր և Բալուկն զգաց, որ չի կարող այդ ցավը տանել։ Նա ընկավ գետնին ու սկսեց հեկեկալ։

Ասպետ Պոմիդորը նրան բարձրացրեց, կապոցի նման դրեց թևի տակ և ծառուղով գնաց ամրոց։

Մորին աշխատում էր, ինչքան հնարավոր է, խեղճ տղային հանգստացնել, բայց ոչինչ չէր օգնում։ Աղջիկն այնքան հուզվեց, որ ինքն էլ սկսեց նրա հետ լաց լինել։

― Այս րոպեին վայնասունդ թող, անպետք աղջիկ, թե չէ ես քեզ դուրս կանեմ, ― սպառնաց սինյորա կոմսուհի Ավագը։

Վշտից Բալուլը նույնիսկ հիվանդացավ։ Նա սկսեց այնպես դողացնել, որ մահճակալը ցնցվում էր, իսկ երբ հազում էր, ցնցվում էին պատուհանների ապակիները։ Զառանցելով նա անընդհատ կանչում էր․

― Չիպոլի՜նո, Չիպոլի՜նո, Բո՜ղկ, Բո՜ղկ․․․

Սինյոր Պոմիդորը հայտարարեց, երևի երեխան այն բանից է հիվանդացել, որ նրան սարսափելի վախեցրել է ամրոցի շրջակայքում թափառող մի վտանգավոր հանցագործ։

― Ես կհրամայեմ, որ վաղը նրան բանտարկեն, ― ասաց նա, որպեսզի հիվանդին հանգստացնի։

― Օ՜, ո՛չ, ո՛չ, խնդրում եմ, պետք չէ՛, ― հեկեկում էր Բալուկը։ ― Ավելի լավ է ինձ ձերբակալեք, նետեք ամենախորունկ նկուղը, միայն թե Չիպոլինոյին ձեռք մի՛ տվեք։ Չիպոլինոն այնքան լավ տղա է, Չիպոլինոն իմ միակ, իմ իսկական ընկերն է։

Սինյոր Մաղդանոսը վախեցած մաքրեց քիթը։

― Երեխան զառանցում է։ Դրությունը ծանր է, ― ասաց նա։

Մարդ ուղարկեցին ամենանշանավոր բժիշկներին կանչելու։

Նախ եկավ սինյոր բժիշկ Ճանճասպանը և չորացած ճանճերից պատրաստած դեղ գրեց։ Բայց դեղը բոլորովին չօգնեց։ Եկավ բժիշկ թխենին և հայտարարեց, թե չորացած ճանճերը շատ վտանգավոր են նման հիվանդությունների դեպքում, և շատ ավելի օգտակար է հիվանդին ճապոնական թխենու պտղի հյութով թրջած սավանի մեջ փաթաթել։

Մի տասնյակ սավան կեղտոտեցին թխենու հյութի մեջ, բայց Բալուկը չլավացավ։

― Իմ կարծիքով, ― առաջարկեց բժիշկ Արտիճուկը, ― հարկավոր է նրա կողերին արտիճուկներ դնել։

― Փշերո՞վ, ― վախեցած հարցրեց Մորին։

― Անպայման, հակառակ դեպքում դեղն օգուտ չի տա։

Սկսեցին Բալուկին բուժել ուղղակի թմբից քաղած հում արտիճուկներով։ Խեղճ տղան ճչում էր, ծակոցներից վեր֊վեր էր թռչում, կարծես թե նրան քերթում էին։

― Տեսնո՞ւմ եք, տեսնո՞ւմ եք, ― ձեռքերը շփելով ասում էր բժիշկ Արտիճուկը, ― պատանի կոմսին իմ դեղն արդեն օգնում է, շարունակեցեք բուժել։

― Այդ բոլորը դատարկ բաներ են և հիմարություն, ― բացականչեց նշանավոր պրոֆեսոր սինյոր Սալաթ֊Սպանաղը։ Այդ ո՞ր էշն է արտիճուկներ նշանակել։ Փորձեցեք հիվանդին թարմ սալաթով բուժել։

Մորին թաքուն մարդ ուղարկեց բժիշկ Շագանակին կանչելու, որն ապրում էր անտառում, մի մեծ շագանակենու տակ։ Նրան աղքատների բժիշկ էին ասում, որովհետև նա հիվանդների համար քիչ դեղեր էր գրում և դեղերի արժեքն էլ վճարում էր ինքը։

Երբ բժիշկ Շագանակը մոտեցավ ամրոցի դարբասին, ծառաները նրան չէին ուզում ներս թողնել, քանի որ նա եկել էր ոչ թե կառեթով, այլ ոտքով։

― Առանց կառքի բժիշկը անպայման խաբեբա կլինի, ― ասացին ծառաները և ուզում էին դռները փակել բժշկի առաջ, երբ հայտնվեց սինյոր Մաղդանոսը։

Մաղդանոսը, ինչպես արդեն գիտեք, միշտ չգիտես թե ո՛րտեղից էր հայտնվում։ Բայց այս անգամ նա ճիշտ ժամանակին երևաց և հրամայեց ներս թողնել բժշկին։ Շագանակը ուշադիր քննեց հիվանդին, նայեց լեզուն, շոշափեց զարկերակը, ցածրաձայն մի քանի հարց տվեց Բալուկին, իսկ հետո ձեռքերը լվաց և լուրջ ու տխուր ասաց․

Ոչ մի տեղն էլ չի ցավում,
Սիրտն էլ լավ է աշխատում,
Երեխային, իմացե՛ք,
Մենակությունն է հյուծել։

― Ի՞նչ եք ուզում ակնարկել, ― կոպտորեն ընդհատեց Պոմիդորը։

― Ես չեմ ակնարկում, այլ ճշմարտությունն եմ ասում։ Այս տղան ոչ մի հիվանդություն էլ չունի։ Նա մելամաղձոտ է։

― Այդ ի՞նչ հիվանդություն է, ― հարցրեց կոմսուհի Ավագը։

Նա բուժվել շատ էր սիրում և հենց որ մի նոր հիվանդության անուն էր լսում, իսկույն իր վրա էր այդ ցավը գտնում։ Դե կոմսուհին այնքան հարուստ էր, որ բժշկի և դեղերի ծախսերը նրան չէին վախեցնում։

― Դա հիվանդություն չէ, սինյորա կոմսուհի, դա տխրություն է, թախիծ։ Երեխային միջավայր է պետք, անհրաժեշտ են ընկերներ։ Ինչո՞ւ դուք նրան չեք ուղարկում ուրիշ երեխաների հետ խաղալու։

― Ա՜խ, ավելի լավ էր, նա այդ բանը չասեր։ Խեղճ բժշկի գլխին ամեն կողմից հանդիմանությունների և վիրավորանքների կարկուտ տեղաց։

― Շուտ կորե՛ք այստեղից, ― հրամայեց սինյոր Պոմիդորը, ― թե չէ ծառաներին կհրամայեմ վզակոթիդ տալով դուրս անեն։

― Ամաչեք, ― վրա բերեց սինյորա կոմսուհի Կրտսերը։ ― Ամաչեք, որ այդպես չարաշահում եք մեր վստահությունն ու հյուրասիրությունը։ Դուք խաբեբայությամբ սողոսկեցիք մեր տունը։ Եթե ես ուզենամ, ինքնագլուխ և բռնի կերպով մասնավոր տներ ներխուժելու համար կարող եմ ձեզ դատի տալ։ Ճիշտ չէ՞, սինյոր փաստաբան։

Եվ նա շուռ եկավ սինյոր Սիսեռիկի կողմը, որը միշտ մոտերքումն էր լինում, երբ նրա կարիքն զգացվում էր։

― Անշուշտ, սինյորա կոմսուհի։ Սա քրեական շատ ծանր հանցանք է։

Եվ փաստաբանն իսկույն նշեց իր հուշատետրում․ «Կոմսուհիներից, բժիշկ Շագանակի բռնի ներխուժման գործի մասին կոնսուլտացիա տալու համար ստանալ տասը հազար լիր»։


Գլուխ ութերորդ

Թե ինչպես բժիշկ Շագանակին ամրոցից վռնդեցին


Բալուկն ամբողջ երեկո լաց եղավ։ Հերցոգ Մանդարինն անընդհատ նրան ձեռ էր առոնում։

― Մեր պատանի կոմսը արցունքից հալումաշ կլինի, ― ասում էր նա, ― Բալից միայն կորիզը կմնա։

Բարոն Նարինջը, ինչպես այդ հաճախ է լինում հաստ մարդկանց հետ, դեռևս մի փոքր գութ ուներ։ Բալուկին մխիթարելու համար նա իր տորտից մի կտոր առաջարկեց սրան։ Ճիշտ է, շատ փոքրիկ կտոր, մի փշուր միայն։ Բայց հաշվի առնելով բարոնի ագահությունը, պետք է նրա առատաձեռնությունը գնահատել։

Իսկ երկու կոմսուհիները ոչ միայն չէին աշխատում Բալուկին մխիթարել, այլ ծիծաղում էին նրա արցունքների վրա։

― Մեր Բալուկը կարող է փչացած շատրվանին փոխարինել, ― ասում էր սինյորա կոմսուհի Ավագը։

― Արցունքի շատրվան կլինի, ― ասում էր սինյոա կոմսուհի Կրտսերը։

― Վաղը ես քեզ կստիպեմ, ― սպառնում էր սինյոր Մաղդանոսը, ― երե՜ք հազար անգամ գրել․ «Ես չպետք է սեղանի վրա լաց լինեմ, քանի որ խանգարում եմ մեծահասակների մարսողությանը»։

Երբ վերջապես պարզվեց, որ Բալուկը լացը թողնելու միտք չունի, նրան ուղարկեցին քնելու։

219 ― 228


Գլուխ իններորդ

Մկների գլխավոր հրամանատարն ստիպված է լինում նահանջի հրաման տալ


Դուք, իհարկե, ուզում եք իմանալ, թե ի՛նչ են անում բանտարկյալները, այսինքն՝ քավոր Դդումը, պրոֆեսոր Տանձը, վարպետ Խաղողը, սանամեր Դդումը և գյուղի մյուս բնակիչները, որոնց ասպետ Պոմիդորը հրամայեց բանտարկել և գցել ամրոցի նկուղը։

Բարեբախտաբար պրոֆեսոր Տանձը լավ իմանալով, որ ամրոցի նկուղները մութ կլինեն և մկներով լեփ֊լեցուն, իր հետ մի կիսավառ մոմ էր վերցրել։ Մկներին քշելու նպատակով պրոֆեսորն սկսեց ջութակ նվագել։ Մկները լուրջ երաժշտություն չէին սիրում։ Ջութակի ականջ ծակող հնչյունները լսելով, նրանք թողեցին փախան՝ անիծելով այդ զզվելի գործիքը, որն իր ձայնով կատվի մլավոց է հիշեցնում։

Սակայն վերջապես երաժշտությունը ոչ միայն մկներին, այլև վարպետ Խաղողին սկսեց ջղայնացնել։ Պրոֆեսոր Տանձը մելամաղձոտ մարդ էր և միշտ այնքան տխուր մեղեդիներ էր նվագում, որ մարդ ուզում էր լալ։ Դրա համար էլ բոլոր ձերբակալվածները խնդրեցին, որ էլ չնվագի։

Բայց դեռ նոր էր լռություն տիրել, երբ մկները, ինչպես կարելի էր սպասել, հարձակման անցան։ Նրանք շարժվում էին երեք շարասյունով։ Հարձակումը գլխավորում էր գլխավոր հրամանատարը, գեներալ Մուկ Երկարապոչը։

― Առաջին շարասյունը հարձակվելու է ձախ թևից և առաջին հերթին գրավելու է մոմը։ Բայց վա՛յ նրան, ով փորձի ուտել։ Ես ձեր գեներալն եմ և առաջինը ես պետք է իմ ատամները խրեմ այդ մոմի մեջ։ Եկրորդ շարասյունը կմտնի աջից և կնետվի ջութակի վրա։ Այդ ջութակը սարքված է հյութեղ տանձի կեսից և, ըստ երևույթին, հիանալի համ ունի։ Երրորդ շարասյունը պետք է ճակատից հարձակվի և ոչնչացնի թշնամուն։

Շարասյուների հրամանատարները խնդիրը բացատրեցին շարքային մկներին։ Գեներալ Մուկ֊Երկարապոչը արշավեց տանկով։ Ճիշտն ասած, դա տանկ չէր, այլ կավի մի խեցի, որ կապված էր տասը մկների պոչից։ Փողհարները գրոհի ազդանշան տվին, և մի քանի րոպեում ճակատամարտն ավարտվեց։

Սակայն մկներին չհաջողվեց ջութակը խժռել, քանի որ պրոֆեսորն այն պահել էր իր գլխավերևում։ Բայց մոմն անհայտացավ, կարծես չէր էլ եղել, և մեր բարեկամները մնացին մթության մեջ։ Մի բան էլ անհայտացավ, բայց թե ինչ՝ հետո կիմանաք։

Քավոր Դդումն անհանգիստ էր․

― Ա՜խ, և այս բոլորը իմ պատճառով։

― Ինչո՞ւ քո պատճառով, ― փնթփնթաց վարպետ Խաղողը։

― Եթե ես գլուխս չմտցնեի այն հիմար միտքը, թե պետք է ունենամ իմ սեփական տունը, մեզ հետ այս դժբախտությունը չէր պատահի։

― Դե հանգստացիր, խնդրում եմ, ― բացականչեց սանամեր Դդումը։ ― Հո դո՞ւք չեք մեզ բանտ նստեցրել։

― Ես արդեն ծեր եմ, ինչի՞ս է պետք տունը․․․ ― շարունակում էր տրտջալ քավոր Դդումը։ ― Ես կարող էի այգում, որևէ նստարանի տակ գիշերել․ այնտեղ ես ոչ ոքի չէի խանգարի։ Բարեկամներ, խնդրում եմ կանչեցեք բանտապաններին, ասացեք նրան, որ ես տնակը կնվիրեմ ասպետ Պոմիդորին և կասեմ, թե որտեղ ենք այն թաքցրել։

― Դու նրանց և ոչ մի խոսք չե՛ս ասի, ― բարկացավ վարպետ խաղողը։

Պրոֆեսոր Տանձը տխուր ծնգացրեց իր ջութակի լարերն ու շշնջաց․

― Եթե դու բանտապաններին ասես, թե որտեղ է պահված տնակը, այն ժամանակ քավոր Հավամրգին էլ կխառնես այդ գործին և․․․

― Սս՜ս՜, ― ասաց սանամեր Դդումը։ ― Անուններ մի՛ տվեք, այստեղ պատերն էլ ականջներ ունեն։

Բոլորը լռեցին և սկսեցին վախեցած իրենց շուրջը նայել, բայց առանց մոմի այնքան մութն էր, որ նրանք ոչ մի կերպ չէին կարող տեսնել՝ պատերն ականջ ունե՞ն թե ոչ։

Իսկ պատերն իսկապես որ ականջ ունեին։ Մի կլոր անցք կար, որից մի խողովակ գաղտնի հեռախոսի նման գնում էր ուղիղ ասպետ Պոմիդորի սենյակը և ինչ֊որ խոսվում էր նկուղում, հաղորդում էր նրան։ Բարեբախտաբար, այդ րոպեին սինյոր Պոմիդորն ականջ չէր դնում, որովհետև զբաղված էր հիվանդ Բալուկով։

Լռության մեջ նորից լսվեցին շեփորի զիլ հնչյունները․ մկներն ուզում էին գրոհը կրկնել։ Նրանք լցված էին պրոֆեսոր Տանձի ջութակը գրավելու վճռականությամբ։

Նրանց վախեցնելու նպատակով պրոֆեսորը որոշեց համերգ տալ։ Նա ջութակը դրեց ծնոտի տակ, կնտնտոցը ոգևորված բարձրացրեց։ Բոլորը շունչները պահած սպասեցին, բայց սպասումը բավական երկար տևեց։ Վերջապես կալանավորները նորից շունչ քաշեցին, բայց գործիքն այնպես էլ ձայն չհանեց։

― Ի՞նչ է, չի՞ ստացվում, ― հետաքրքրվեց վարպետ Խաղողը։

― Ա՜խ, մկները կերել են կնտնտոցիս կեսը, ― արցունքներն աչքերում ասաց Տանձը։

Եվ իսկապես, կնտնոցն ամբողջովին կրծոտված էր, այնպես որ մնացել էր ընդամենը մի քանի սանտիմետր։ Առանց կնտնոցի, ի՞նչ խոսք, նվագել չէր կարելի, իսկ մկներն արդեն մարտական ահեղ բացականչություններով անցան հարձակման։

― Ա՜խ, և այս բոլորն իմ պատճառով, հառաչում էր քավոր Դդումը։

― Ախ ու վախդ թո՛ղ և օգնի՛ր մեզ, ― ասաց վարպետ Խաղողը, եթե դու այդքան լավ կարողանում ես հառաչել ու տնքալ, ապա կկարողանաս նաև մլավել։

― Մլավե՞լ, ― վիրավորվեց քավոր Դդումը, ― զարմանում եմ քեզ վրա, թվում է, թե լուրջ մարդ ես, բայց այսպիսի ժամանակ կատակ ես անում։

― Վարպետ Խաղողը նրան իսկի չպատասխանեց էլ, այլ այնքան վարպետորեն մլավեց, որ մկների բանակը կանգ առավ։

― Մյա՜ո՜ւո՜ւ, մյա՜ո՜ւո՜ւ, ― մլավում էր կոշկակարը։

― Մյա՜ո՜ւո՜ւ, մյա՜ո՜ւ, ― լալագին կրկնում էր պրոֆեսորը, որ դեռ ողբում էր իր կնտնոցի անփառունակ վախճանը։

― Երդվում եմ իմ հանգուցյալ պապի, բոլոր նկուղների ու ամբարների թագավոր Մուկ Երրորդի հիշատակով, որ կատու են բերել այստեղ, ― բացականչեց գեներալ Մուկ֊Երկարապոչը և անմիջապես արգելակեց իր տանկը։

― Գեներալ, մեզ դավաճանել են, ― վայնասունը գցելով, նրա մոտ վազեց շարքերից մեկի հրամանատարը։ ― Իմ շարքը ընդհարվեց մինչև ատամները զինված մառանային կատուների մի ամբողջ դիվիզիայի հետ։

Բայց իրականում նրա զորքերը և ոչ մի կատվի չէին հանդիպել, նրանք միայն վախեցել էին անչափ։ Իսկ, ինչպես հայտնի է, վախեցածին ամեն ինչ թվում է։

Գեներալ Մուկ֊Երկարապոչը թաթով պոչը շփեց։ Երբ նա մտահոգված էր լինում, միշտ թաթով շփում էր պոչը, և հաճախ շփելուց նրա մարմնի այդ մասն այնպես էր տուժել, որ զինվոր֊մկները իրենց հրամանատարին թաքուն գեներալ Անպոչ էին անվանում։

― Երդվում եմ իմ հանգուցյալ նախահոր, Մուկ֊Երկարապոչ Առաջինի՝ բոլոր ամբարների կայսեր հիշատակով, որ դավաճաններն իրենց խարդախության համար դեռ կհատուցեն։ Իսկ հիմա նահանջի ազդանշան տվեք։

Հրամանատարներն էլ չսպասեցին, որ նա երկրորդ անգամ հրամայի։ Շեփորները շեփորահարեցին ավարտ, և ամբողջ բանակը գեներալ Անպոչի գլխավորությամբ, որն անխնա մտրակում էր տանկը քաշող մկներին, անմիջապես հեռացավ։

Այսպիսով բարեկամները արիաբար ետ մղեցին թշնամու հարձակումը։

Տարած հաղթանակի համար մեկը մյուսին շնորհավորելով, նրանք հանկարծ լսեցին, որ բարակ ձայնով ինչ֊որ մեկը կանչում է իրենց։

― Քավո՛ր Դդում, քավո՛ր Դդում։

― Այդ դո՞ւք եք ինձ կանչում, պրոֆեսոր։

― Ո՛չ, ― ասաց Տանձը, ― ես չեմ։

― Իսկ ինձ թվաց, թե ինչ֊որ մեկը կանչում է։

― Սանամեր Դդում, սանամեր Դդում, ― նորից լսվեց նույն ձայնը։

Սանամեր Դդումը շուռ եկավ վարպետ Խաղողի կողմը․

― Վարպետ Խաղող, այդ դո՞ւք եք այդպես ծվծվում։

― Ի՞նչ է պատահել քեզ։ Ես միտք էլ չունեմ ծվծվալու։ Ես միայն ծոծրակս եմ քորում, որովհետև իմ մտքում մի միտք կա, որ ինձ անընդհատ տանջում է։

― Սանամեր Դդո՜ւմ, դե պատասխանեք վերջապես, այդ ե՛ս եմ, Մորի՛ն։

― Իսկ որտե՞ղ ես դու։

― Ես ասպետ Պոմիդորի սենյակումն եմ և ձեզ հետ խոսում եմ նրա գաղտնի հեռախոսով։ Դուք ինձ լս՞ում եք։

― Այո, լսում ենք։

― Ես էլ ձեզ եմ լավ լսում։ Պոմիդորը շուտով կգա այստեղ։ Ինձ խնդրել են, որ ձեզ բան հաղորդեմ։

― Ո՞վ է խնդրել։

― Ձեր բարեկամ Չիպոլինոն։ Նա խնդրում է, որ դուք չանհանգստանաք։ Հույսներդ դրեք նրա վրա։ Նա կաշխատի ձեզ բանտից ազատել։ Միայն թե սինյոր Պոմիդորին չասեք, թե Դդումի տնակը որտեղ է գտնվում։ Չհանձնվեք։ Չիպոլինոն ամեն ինչ կհաջողացնի։

― Մենք ոչ ոքի ոչինչ չենք ասի և կսպասենք, ― բոլորի փոխարեն պատասխանեց վարպետ Խաղողը։ ― Բայց Չիպոլինոյին ասա, որ շտապի, քանի որ այստեղ մեզ շրջապատել են մկները, և մենք չգիտենք, թե ինչքան կարող ենք դիմանալ։ Դու չե՞ս կարող արդյոք լուցկի ու մոմ հասցնել մեզ։ Մենք մի կիսավառ մոմ ունեինք, այն էլ մկները կերան։

― Մի քիչ սպասեք, ես հիմա կվերադառնամ։

― Իհա՛րկե, կսպասենք, ո՞ւր կարող ենք գնալ։

Մի քիչ հետո նորից լսվեց Մորու ձայնը․

― Բռնեք, ես մոմ եմ գցում։

Ինչ֊որ թմփոց լսվեց, և մի բան կպավ քավոր Դդումի քթին։ ― Այստեղ է, այստեղ է մոմը, ― ուրախ բացականչեց ծերուկը։ Փաթեթի մեջ մի ամբողջ մոմ կար և լուցկու մի չբանեցրած տուփ։

― Շնորհակալ ենք, Մորի, ― ձայն տվեցին բոլորը միասին։

― Ցտեսություն, ես պետք է փախչեմ, Պոմիդորը գալիս է։

Եվ իսկապես, այդ նույն վայրկյանին սինյոր Պոմիդորը մտավ սենյակը։ Մորուն իր գաղտնի հեռախոսի մոտ տեսնելով, ասպետը սարսափելի անհանգստացավ։

― Ի՞նչ ես անում այստեղ։

― Այս թակարդն էի մաքրում։

― Ի՞նչ թակարդ։

― Այս․․․ Մի՞թե սա մկան թակարդ չէ։ Պոմիդորը թեթևացած շունչ քաշեց։ «Փառք աստծու», ― մտածեց նա, ― աղախինն այնքան հիմար է, որ իմ գաղտնի հեռախոսը մկան թակարդի տեղ է ընդունում»։

Նա ուրախացավ և նույնիսկ Մորուն կոնֆետի թուղթ նվիրեց։

― Ահա, վերցրու, ― մեծահոգորեն ասաց նա, ― կարող ես լիզել այս թուղթը, շատ քացր է, մի տարի առաջ սրա մեջ ռոմով կոնֆետ էր փաթաթած։

Մորին խոնարհվեց և ասպետին շնորհակալություն հայտնեց։

― Իմ ծառայության յոթ տարիների ընթացքում դուք արդեն երրորդ կոնֆետի թուղթն եք նվիրում ինձ, ձերդ ողորմածություն։

― Ահա, տեսնում ես, ուրեմն ես բարի տեր եմ, ― հևալով ասաց Պոմիդորը, ― քեզ լավ պահիր, և դու գոհ կլինես։

― Ով ազատ է՝ գոհ կլինի, ― առածով պատասխանեց Մորին և մի անգամ էլ գլուխ տալով, վազեց գնաց իր գործին։

Ասպետ Պոմիդորը ձեռքերը շփում էր ու ինքն իրեն մտածում․ «Ա՛յ, հիմա ես կնստեմ իմ գաղտնի հեռախոսի մոտ և կիմանամ, թե ինչի մասին են կալանավորները խոսում։ Երևի շատ հետաքրքրիր բաներ իմանամ։ Գուցե և ինձ հաջողվի իմանալ, թե որտեղ են նրանք պահում այդ անիծյալ տնակը»։

Սակայն կալանավորները, որոնց ճիշտ ժամանակին Մորին նախազգուշացրել էր, լսելով, որ սինյոր Պոմիդորը մոտենում է գաղտնի անցքին, որոշեցին ծերուկին մի քիչ հաճույք պատճառել և սկսեցին նրան թունդ հայհոյել։

Պոմիդորը քիչ էր մնում ձայն տար՝ «ես ձեզ ցույց կտամ», բայց չուզեց իրեն մատնել։ Դրա համար էլ նա, որպեսզի վիրավորական խոսքեր այլևս չլսի, ավելի լավ համարեց պառկել քնել։ Քնելուց առաջ նա շորով պինդ փակեց իր հեռախոսը, որ խոսափողի փոխարեն մի սովորական գինի լցնելու ձագար ուներ։

Իսկ նկուղում վարպետ խաղողը նոր մոմ վառեց։ Բոլորը նայեցին վերև, առաստաղի անկյունում նկատելով գաղտնի հեռախոսի անցքը, մի լավ ծիծաղեցին սինյոր Պոմիդորի վրա, որը երևի ականջ դնելով կալանավորների խոսակցությանը, չարությունից պայթում էր։

Սակայն ուրախությունը բանտում երկար չտևեց։ Հետախույզ Մուկը խցիկում լույս տեսնելով, իմացավ բանն ինչ է, և ժամանակ չկորցնելով սլացավ գեներալ Անպոչի մոտ զեկուցելու։

― Ձերդ գերազանցություն, ― ուրախ զեկուցեց նա, ― կատուները գնացել են, իսկ մարդկանց մոտ մի նոր մոմ կա։

― Ի՞նչ, մո՞մ։

Անպոչի թուքը շուրթերից թափվեց, և նա լպստեց բեղերը, որոնցից դեռ գալիս էր կիսավառ մոմի հոտն ու համը։

― Շեփո՛ր փչել, ― տեղն ու տեղը հրամայեց նա։

Երբ զորքերը շարվեցին, գեներալ Երկարապոչը, այսինքն՝ գեներալ Անպոչը, մի կրակոտ ճառ ասաց․

― Քաջե՛ր, մեր նկուղը վտանգի մեջ է։ Հարձկվեք թշնամու վրա և ձեռք գցեք ճարպե մոմը։ Իհարկե, մոմը ես կուտեմ, բայց նախքան ուտելը թույլ կտամ, որ դուք հերթով ձեր լեզուն կպցնեք նրան։ Առա՜ջ, կրծողներ։

Մկները հրճվանքից ծվծվացին, պոչերը բարձրացրին և նորից նետվեցին մարտի։

Բայց այս անգամ վարպետ Խաղողը մոմը դրել էր պատի փոսի մեջ, երկու աղյուսի մեջտեղը, որը հատակից բարձր էր։ Իզուր էին մկները աշխատում բարձրանալ հարթ ու լպրծուն պատն ի վեր։ Նրանց այդպես էլ չհաջողվեց հասնել մոմին։ Ամենաճարպիկները մի քիչ կրծոտեցին պրոֆեսոր Տանձի ջութակը։ Բայց այդ հարձակվողներն էլ ստիպված թողին հեռացան։ Գեներալ Անպոչն անհաջողությունից կատաղած, որոշեց ավելի խիստ լինել։ Առանց երկար խոսելու նա իր զորքը մի շարքով շարեց և հրամայեց վախկոտության և թալանի համար մահապատժի ենթարկել յուրաքանչյուր տասներորդին։


Հենց այդ գիշեր անսպասելի դեպքեր տեղի ունեցան։

Չիպոլինոն, Մորին և Բողկը հանդիպեցին այգու ցանկապատի մոտ, որպեսզի որոշեն իրենց հետագա անելիքները, և այնպես տարվեցին իրենց խոսակցությամբ, որ շուրջը ոչինչ չէին տեսնում։ Նրանք չնկատեցին նաև Մաստինո շանը, որ այդ ժամանակ իր պահակային շրջագայությունն էր կատարում։ Երեխաներին շունը տեսավ և կատաղած հարձակվեց նրանց վրա։ Աղջիկներին նա ձեռք չտվեց, բայց Չիպոլինոյին գցեց ցած և ընկնելով նրա կրծքին՝ այնքան հաչեց, մինչև հայտնվեց սինյոր Պոմիդորը և տղային բանտարկեց։

Պատկերացրեք, թե ասպետն ինչքան գոհ էր։

― Որպեսզի ապացուցեմ իմ հատուկ վերաբերմունքը քա նկատմամբ, ― ասում էր նա ծաղրելով Չիպոլինոյին, ― ես քեզ մի մութ մենախուց կգցեմ։ Հասարակ բանտը արժանի չէ քեզ նման սրիկային։

― Խնդրեմ, ինչպես որ կուզեք, ― առանց հուզվելու պատասխանեց Չիպոլինին։

Ուրիշ ի՞նչ կարող էր նա ասել։ Գուցե կարծում եք, թե նա պետք է լաց լիներ և ներո՞ւմն խնդրեր։

Ո՛չ, Չիպոլինոն այն ազնիվ սոխի ընտանիքից էր, որն ում ուզում եք կարող էր ստիպել լաց լինել, իսկ ինքը ոչ մի դեպքում լաց չէր լինի։


Գլուխ տասներորդ

Չիպոլինոյի և խլուրդի ճանապարհորդությունը մի բանտից մյուսը


Գիշերը Չիպոլինոն արթնացավ։ Նրան թվաց, թե ինչ֊որ մեկը դուռը թակում է։ «Տեսնես ո՞վ կարող է լինել, ― մտածեց նա, ― բայց գուցե ինձ միայն թվաց, թե թակում են»։

Նա դեռ գլխի չէր ընկել, թե ով էր իրեն արթնացնողը, երբ նորից աղմուկ լսվեց։ Դա մի հավասար ու խուլ ձայն էր․ կարծես թե մոտերքում ինչ֊որ մեկն աշխատում էր քլունգով։

«Մեկն ու մեկը ընդհատակյա անցք է փորում», ― մտածեց Չիպոլինոն, ականջը դնելով այն պատին, որտեղից ձայն էր լսվում։

Նա նոր էր արել այս եզրակացությունը, երբ հանկարծ պատից հող թափվեց, հետո պոկվեց ու ընկավ մի աղյուս, իսկ աղյուսից հետո ինչ֊որ մեկը թռավ նկուղ։

― Այս ո՞ւր ընկա ես, սատանան տանի։

― Իմ խցիկը, ― պատասխանեց Չիպոլինոն, ― այսինքն՝ կոմսուհի Բալերի ամրոցում ամենամութ նկուղը։ Ներեցեք, որ այս անիծյալ խավարի մեջ ես չեմ կարող ձեզ լավ տեսնել և, ինչպես հարկն է, բարևել ձեզ։

― Իսկ դուք ո՞վ եք։ Ներեցեք, ես սովոր եմ մթության, իսկ այստեղ շատ լույս է։ Ես լույս ժամանակ ոչինչ չեմ տեսնում։

― Ահա թե ինչ, ուրեմն դուք Խլուրդն եք։

― Միանգամայն ճիշտ է, ― պատասխանեց Խլուրդը, ― ես վաղուց էի ուզում այս կողմը անցք փորել, բայց ազատ ժամանակ չէի գտնում։ Ախր իմ ստորանցքները գետնի տակով տասնյակ կիլոմետրեր են ձգվում։ Երբեմն ջուր է լցվում այնտեղ, դրանից էլ ես միշտ հիվանդանում եմ հարբուխով։ Իսկ այդ անտանելի որդերը ուր ասես սողոսկում են և ուրիշի աշխատանքը չեն հարգում։ Ա՛յ դրա համար էլ այս գործը մի շաբաթից մյուսն էի հետաձգում։ Բայց այսօր առավոտ ինքս ինձ ասացի․ «Սինյոր Խլուրդ, եթե դուք իրոք հետաքրքրասեր եք և ուզում եք աշխարհ տեսնել, ապա ժամանակն է, որ նոր միջանցք փորեք»։ Եվ ճամփա ընկա․․․

Բայց այստեղ Չիպոլինոն ընդհատեց սինյոր Խլուրդի պատմությունն ու անհրաժեշտ համարեց ներկայանալ։

― Իմ անունը Չիպոլինո է, որ նշանակում է «փոքրիկ սոխի գլուխ»։ Ես ասպետ Պոմիդորի գերին եմ։

― Մի անհանգստացեք, բացատրության կարիք չկա։ Ես ձեզ հոտից անմիջապես ճանաչեցի։ Ես անկեղծորեն ձեզ խղճում եմ։ Դուք ստիպված եք գիշեր ցերեկ մնալ այսքան անտանելի լույս տեղում, իսկ դա իսկական պատիժ է։

― Ինձ թվում է, թե այստեղ շատ մութն է․․․

― Դուք կատակ եք անում, բայց ես ձեզ անսահման խղճում եմ։ Այո, մարդիկ չար են։ Ես այսպես եմ կարծում, եթե ուզում եք որևէ մեկին զնդան գցել, ապա թող այդ զնդանում կարգին մութ լինի, որտեղ մարդու աչքերն իսկականից կկարողանան հանգստանալ։

Չիպոլինոն գլխի ընկավ, որ բնավ միտք չունի լույսի ու մթության մասին վիճել Խլուրդի հետ, որը վարժվելով իր ստորանցքների խավարին, այդ մասին բոլորովին առանձնահատուկ կարծիք ուներ։

― Այո, ես պետք է խոստովանեմ, որ լույսն ինձ էլ է անհանգստացնում, ― հառաչելով ասաց Չիպոլինոն։

― Ահա տեսնո՞ւմ եք։ Իսկ ես ի՞նչ էի ասում։

Չիպոլինոյի խոսքերը Խլուրդին շատ հուզեցին։

― Եթե դուք ավելի փոքր լինեիք․․․ ― սկսեց նա։

― Ե՞ս, ես մի՞թե մեծ եմ։ Հավատացնում եմ ձեզ, որ կարող եմ մտնել ուզածդ Խլուրդի անցքը, այսինքն՝ բույնը։

― Գուցե, գուցե, երիտասա՛րդ։ Միայն թե բարի եղեք իմ ստորանցքներին մեկ էլ անցք կամ բույն չասեք։ Այսպես ուրե՛մն, գուցե ինձ հաջողվի ձեզ այստեղից դուրս բերել։

― Ես հեշտությամբ կմտնեմ այն ստորանցքը, որ դուք հենց նոր փորեցիք, ― ասաց Չիպոլինոն։ ― Միայն խնդրում եմ, առաջ դուք գնացեք, որովհետև ես կարող եմ կորչել։ Լսել եմ, որ ձեր ստորանցքները շատ խառնիխուռն են։

― Հնարավոր է, ― ասաց Խլուրդը, ― ես ձանձրանում եմ միշտ միևնույն ճանապարհով գնալ։ Ուզո՞ւմ եք, մի նոր ճանապարհ փորեմ։

― Իսկ ո՞ր կողմը, ― վրա բերեց Չիպոլինոն։

― Է՜, որ կողմն ուզում եք, ― պատասխանեց Խլուրդը, ― միայն թե մի տեղ հասնենք և չընկնենք սրա նման լուսավոր տեղ, անեծք սրան։

Չիպոլինոն միանգամից մտածեց այն զնդանի մասին, որտեղ տառապում էին Դդումը, Խաղողը և մյուսները։ Այ թե կզարմանան, եթե նա ընդհատակյա անցքով հանկարծ հասնի այնտեղ։

― Ես կարծում եմ պետք է փորել դեպի աջ, ― առաջարկեց նա Խլուրդին։

― Աջ թե ձախ՝ ինձ համար մեկ է։ Եթե դու այդպես ես ուզում՝ գանանք աջ։

Եվ Խլուրդը առանց երկար մտածելու, գլուխը խրեց պատի մեջ ու սկսեց այնպես արագ փորել, որ Չիպոլինոն ոտից֊գլուխ հողոտվեց։ Տղան մոտ քառորդ ժամ հազում ու փռշտում էր։ Երբ հազն ու ղնգտոցն անցավ, նա լսեց Խլուրդի ձայնը, որն անհաբեր կանչում էր նրան․

― Այդ ի՞նչ է, երիտասարդ, ― գալո՞ւ եք իմ հետևից թե ոչ։

Չիպոլինոն խցկվեց Խլուրդի փորած ստորանցքը, որ բավականաչափ լայն էր, որպեսզի նա կարողանար առանց որևէ դժվարության առաջ գնալ։ Խլուրդը կայծակի արագությամբ աշխատելով, արդեն մի քանի մետր փորել էր։

― Ես այստե՛ղ եմ, ես այստե՛ղ եմ, քրթմնջաց Չիպոլինոն, անընդհատ թքոտելով և պաշտպանվելով Խլուրդի թաթերի տակից դուրս թռչող հողակոշտերից, որ ընկնում էին ուղիղ նրա բերանը։

Սակայն նախքան Խլուրդի հետևից գնալը, Չիպոլինոն իր խցի պատի մեջ մի անցք բաց արեց։

«Երբ ասպետ Պոմիդորը նկատի, որ փախել եմ, ― մտածեց նա, թող չիմանա, թե որ կողմն եմ փախել»։

― Ինչպե՞ս եք ձեզ զգում, ― հարցրեց Խլուրդը շարունակելով աշխատանքը։

― Շնորհակալություն, հիանալի եմ զգում, ― պատասխանեց Չիպոլինոն։ ― Այստեղ այնքան անթափանց խավար է, որ․․․

― Ես ախր ասում էի ձեզ, որ իսկույն ձեզ լավ կզգաք։ Ուզո՞ւմ եք, մի քիչ կանգնենք։

Ի միջի այլոց, ես կգերադասեի ճանապարհը շարունակել, որովհետև շտապում եմ։ Բայց գուցե ձեզ համար դժվար կլինի իմ ստորանցքներով այսքան արագ քայլել, քանի որ սովոր չեք։

― Ո՛չ, ո՛չ, շարունակենք, ― պատասխանեց Չիպոլինոն, մտածելով, որ արագ գնալով նրանք ավելի շուտ կհասնեն այն նկուղը, որտեղ գտնվում են իր բարեկամները։

― Շատ լավ։ ― Եվ Խլուրդն սկսեց արագ առաջ գնալ։

Չիպոլինոն հազիվ էր հասնում նրան։


― ― ― ― ―


Չիպոլինոյի փախուստից քառորդ ժամ հետո նրա խցիկի դուռը բացվեց։ Մի ուրախ երգ սուլելով, զնդան մտավ սինյոր Պոմիդորը։

Ինչպիսի՜ չարությամբ էր քաջ ասպետը սպասում այդ րոպեին։ Երբ նա նկուղ էր իջնում, նրան թվաց, թե ամենաքիչը մի քանի կիլոյով թեթևացել է։

«Չիպոլինոն ձեռքս է ընկել, ― ինքնագոհ մտածում էր նա։ ― Ես նրան կստիպեմ ամեն ինչ խոստովանել, իսկ հետո կկախեմ։ Այո՛, այո՛, կկախեմ։ Դրանից հետո վարպետ Խաղողին և մնացած հիմարներին բաց կթողնեմ․ նրանցից արդեն վախենալու բան չունեմ։ Ահա և այն խուցը, որտեղ նստած է կալանավորը։ Ա՜խ, ինչքան հաճելի է մտածել այդ փոքրիկ սրիկայի մասին, որ երևի այնքան է լաց եղել, որ արցունքներն սպառել է արդեն։ Նա, իհարկե, կընկնի իմ ոտներն ու ներումն կխնդրի։ Կարող եմ երդվել, որ կլիզի կոշիկներս։ Ի՞նչ կա որ, կթողնեմ, որ մի քիչ թավալվի ոտներիս մոտ և նույնիսկ ազատելու որոշ հույսեր կտամ, իսկ հետո կհայտնեմ վճիռս՝ «կախաղա՜ն»։

Սակայն երբ ասպետ Պոմիդորը մեծ բանալիով բացեց խցիկի դուռը և վառեց գրպանի լապտերը, հանցագործի հետքն էլ չգտավ։ Խուցը դատարկ էր, բոլորովին դատարկ։

Պոմիդորն իր աչքերին չէր հավատում։ Նրա մոտ կանգնած բանտապանները տեսան, որ նա չարությունից կարմրեց, դեղնեց, կանաչեց, կապտեց և, վերջապես, սևացավ։

― Որտե՞ղ կարող էր թաքնվել այդ տղան։ Չիպոլինո, որտե՞ղ ես անպիտանի մեկը, թաքնվե՞լ ես, հա՞։

Հարցը բավական անտեղի էր։ Բայց այնուամենայնիվ, որտե՞ղ կարող էր Չիպոլինոն թաքնվել, երբ նեղլիկ խցում հարթ ու մերկ պատերից, նստարանից և ջրով կժից բացի, ուրիշ ոչինչ չկար։

Ասպետ Պոմիդորը նայեց նստարանի տակ, զննեց ջրի կուժը, նայեց առաստաղին, հետախուզեց հատակի ու պատերի յուրաքանչյուր սանտիմետրը, բայց ամեն ինչ իզուր էր․ գերին անհայտացել էր, կարծես գոլորշիացել։

― Ո՞վ է նրան բաց թողել, ― սպառնագին հարցրեց Պոմիդորը, դիմելով Լիմոնուկներին։

― Չգիտենք, սինյոր ասպետ։ Չէ՞ որ բանալին ձեզ մոտ է, ― համարձակվեց հիշեցնել պահակապետը։

Պոմիդորը ծոծրակը քորեց․ իսկապես, բանալին իր մոտ էր։

Որպեսզի գաղտնիքը լուծի, նա որոշեց նստել նստարանին։

Նստած ավելի հեշտ է մտածել, քան թե կանգնած։ Բայց նստած էլ նա ոչինչ չկարողացավ հասկանալ։

Հանկարծ քամու հանկարծակի հոսանքը դուռը փակեց։

― Բա՛ց արեք, տվարնե՛ր, ― ճչաց Պոմիդորը։

― Ձերդ բարություն, այդ հնարավոր չէ։ Լսեցի՞ք, թե ինչպես փականքը չխկաց։

Ասպետ Պոմիդորը փորձեց դուռը բանալիով բացել, բայց փականքն այնպես էր շինված, որ միայն դրսից կարելի էր բացել։

Վերջապես սինյոր Պոմիդորը համոզվեց, որ ինքը իրեն բանտ է նստեցրել և կատաղությունից քիչ մնաց պայթեր։

Նա նորից սևացավ, կապտեց, կանաչեց, կարմրեց, դեղնեց և սկսեց սպառնալ, թե անմիջապես բոլոր բանտարկյալներին կգնդակահարի, եթե նրանք երկու ժամում իրեն չազատեն։

Կարճ ասած, որպեսզի դուռը բացեին, հարկավոր էր դինամիտով պայթեցնել այն։

Այդպես էլ արեցին։ Ցնցումից սինյոր Պոմիդորը գլուխկոնձի տվեց և ոտից֊գլուխ թաղվեց հողի տակ, Լիմոնուկները նետվեցին ասպետին հողի տակից հանելու, և երկար չարչարվելուց հետո դուրս քաշեցին նրան, որ նոր հանած կարտոֆիլի նման ամբողջովին հողոտվել էր։ Հետո նրան տարան վեր, թափ տվեցին և սկսեցին զննել, որպեսզի տեսնեն, թե գլուխը, քիթը, ոտներն ու ձեռները հո չեն վնասվել։

Պոմիդորի գլուխն առողջ էր, բայց քիթը կարգին տուժել էր։ Վնասվածքին կպչուն լաթ փակցրին, և ասպետն իսկույն անկողին մտավ։ Նա անհարմար էր զգում այդ ուռույցքը քթին՝ մարդկանց երևալ։

Չիպոլինոն և Խլուրդն արդեն հեռու էին երբ լսեցին պայթյունի արձագանքը։

― Ի՞նչ կարող էր լինել այդ․․․ ― հարցրեց տղան։

― Օ՜, մի անհանգստացեք, ― բացատրեց Խլուրդը, ― այդ երևի զինվորական պարապմունքներ են։ Իշխան Լիմոնն իրեն մեծ զորավար է պատկերացնում և չի հանգստանա մինչև պատերազմ չհնարի, թեկուզ սուտ պատերազմ։

Եռանդով փորելով ստորերկրյա միջանցը, Խլուրդն անընդհատ գովում էր խավարը և վատաբանում լույսը, որը նա ամբողջ հոգով ատում էր։

― Մի անգամ, ― ասաց նա, ― այնպես պատահեց, որ ես մի աչքով նայեցի մոմի․․․ երդվում եմ, երբ իմացա, թե դա ինչ բան է, ինչքան ոտներումս ուժ կար՝ փախա։

― Իհարկե, ― հառաչեց Չիպոլինոն, ― որոշ մոմեր շատ պայծառ են վառվում։

― Ի՞նչ ես ասում, ― պատասխանեց Խլուրդը, ― այդ մոմը չէր վառվում։ Բարեբախտաբար հանգած էր։ Ի՞նչ կլիներ իմ բանը, եթե վառված լիներ։

Չիպոլինոն մնացել էր զարմացած․ ինչպե՞ս կարող էր հանգած մոմը վնաս տալ տեսողությանը։ Բայց այդ ժամանակ Խլուրդը հանկարծ կանգ առավ։

― Ես ձայներ եմ լսում, ― ասաց նա։

Չիպոլինոն ականջները սրեց, նրան հեռավոր խոսակցություն հասավ, թեև չէր կարողանում ձայները որոշել։

― Լսո՞ւմ եք, ― ասաց Խլուրդը։ ― Որտեղ մարդկային ձայն, այնտեղ էլ մարդ։ Իսկ որտեղ մարդ կա, այնտեղ էլ լույս։ Ավելի լավ է ուրիշ կողմ գնանք։

Չիպոլինոն նորից ականջ դրեց և այս անգամ նա պարզ լսեց վարպետ Խաղողի ձայնը։ Միայն թե նա չկարողացավ հասկանալ, թե ինչ է ասում կոշկակարը։

Տղան ուզում էր ամբողջ ձայնով կանչել, որպեսզի իրեն լսեին, ճանաչեին, բայց իսկույն մտածեց․ «Ոչ, թող Խլուրդն առայժմ չիմանա, թե դրանք իմ բարեկամներն են։ Առաջ հարկավոր է սրան համոզել, որ մինչև նկուղը անցք փորի, թե չէ կարող է համառել, և իմ բոլոր պլանները փուլ կգան»։

― Սինյոր Խլո՛րդ, ― զգուշորեն սկսեց Չիպոլինոն, ― ես լսել եմ մի շատ, շա՜տ մութ անաձավի մասին, որն իմ կարծիքով պետք է հենց այս կողմում լինի։

― Իմ ստորանցքից մո՞ւթ, ― բացարձակ կասկածանքով հարցրեց Խլուրդը։

― Շատ ավելի մութ, ― վճռականորեն ասաց Չիպոլինոն։ Երևի այդ մարդիկ, որոնց ձայները մենք լսում ենք, եկել են այդ անձավը, որպեսզի հանգիստ տան իրենց հոգնած աչքերին։

― Հը՛մ․․․ ― մռթմռթաց Խլուրդը, ― ինչ֊որ չեմ հավատում․․․ բայց եթե շատ եք ուզում այդ անձավում լինել, թող ձեր ասածը լինի։ Իհարկե, պատասխանատվությունը ձեզ վրա է ընկնում։

― Խնդրում եմ, սինյոր Խլուրդ։ Ձեզ անչափ շնորհակալ կլինեմ, ― խնդրեց Չիպոլինոն։ ― Իսկ դուք կծանոթանաք նոր անձավին։ Մարդ ինչքան ապրի, այնքան կսովորի, ճիշտ չէ՞։

― Լա՛վ, ― համաձայնեց Խլուրդը, ― իսկ եթե ուժեղ լույսից իմ աչքերը ցավեն, ձեր բանը վատ կլինի։

Մի քանի րոպե հետո ձայները ավելի մոտիկից լսվեցին։

Չիպոլինոն պարզ լսեց, թե ինչպես է քավոր Դդումը ծանր հառաչում։

― Օ՜խ, այս բոլորի համար ես եմ մեղավոր․․․ Ե՛ս․․․ ախ, եթե Չիպոլինոն գար և մեզ այս նեղությունից ազատեր․․․

― Եթե չեմ սխալվում, ― ասաց Խլուրդը, այնտեղ ձեր անունը տվեցին։

― Իմ անո՞ւնը, կարծես ոչինչ չհասկանալով՝ հարցրեց Չիպոլինոն, ― չի կարող պատահել, ես չեմ լսում, թե ինչ են խոսում։

Բայց այդ ժամանակ հնչեց վարպետ Խաղողի ձայնը․

Չիպոլինոն խոստացավ, որ մեզ կազատի, ուրեմն անպայման կգա։ Ես բոլորովին չեմ կասկածում։

― Լսո՞ւմ եք։ Ձեր մասին են խոսում, ― պնդեց Խլուրդը, ― ձեր մասին։ Ո՛չ, ո՛չ․ ինձ մի հավատացրեք, թե չեք լսում։ Ավելի լավ է ասեք, թե ի՞նչ մտադրությամբ դուք ստիպեցիք, որ այստեղ գամ։

― Սինյոր Խլուրդ, ― խոստովանեց Չիպոլինոն, ― գուցե իրոք ավելի լավ կլիներ, որ ես ձեզ սկզբից ճշմարտությունն ասեի։ Բայց թույլ տվեք գոնե հիմա ասել, թե բանն ինչ է։ Այս ձայները, որ դուք լսում եք, գալիս են կոմսուհիներ Բալերի զնդանից։ Այնտեղ տառապում են իմ բարեկամները, որոնց ես խոստացել եմ ազատել։

― Եվ դուք այդ որոշել եք իմ օգնությամբ անել։

― Իհարկե՛, սինյոր Խլուրդ, դուք այնքան բարի եղաք, որ արդեն այսքան երկար միջանցք փորեցիք։ Չէի՞ք ուզենա մի քիչ էլ աշխատել, որպեսզի ազատեիք իմ բարեկամներին։

Խլուրդը մի քիչ մտածեց ու ասաց․

― Լա՛վ, համաձայն եմ։ Ինձ համար, ճիշտն ասած, միևնույն է թե որ կողմն եմ հող փորում։ Ոչի՛նչ, ձեր ընկերների համար ստորանցք կբացեմ։

Չիպոլինոն հաճույքով կհամբուրեր ծեր Խլուրդին, բայց տղայի դեմքը այնպես էր հողոտվել, որ նա ինքն էլ չգիտեր, թե որտեղ է գտնվում իր բերանը։

― Ամբողջ սրտով շնորհակալ եմ ձեզնից, սինյոր Խլուրդ։ Մինչև մահ ձեզ պարտական կլինեմ։

― Դե լավ․․․, փնթփնթաց հուզված Խլուրդը։ ― Ավելի լավ է ժամանակ չկորցնենք շաղակրատելով և շուտ հասնենք ձեր բարեկամներին։

Նա նորից սկսեց իր աշխատանքը և մի քանի վայրկյանում նկուղի պատը ծակեց։ Սակայն, դժբախտաբար այն պահից, երբ Խլուրդը մտավ նկուղ, վարպետ Խաղողը լուցկի վառեց, որ տեսնի, թե ժամը քանիսն է։

Խեղճ Խլուրդի վրա լուցկու բոցն այնպես ազդեց, որ նա անմիջապես ետ֊ետ գնաց ու կորավ խավարի մեջ։

― Ցտեսություն, սինյոր Չիպոլինո, ― հեռանալով ձայն տվեց նա, ― դուք լավ տղա եք, և ես անկեղծորեն ուզում էի ձեզ օգնել։ Բայց դուք պարտավոր էիք նախազգուշացնել ինձ, որ մեզ այդպիսի կուրացուցիչ լույսով կդիմավորեն։ Դուք չպետք է ինձ խաբեիք։

Նա այնքան արագ էր վազում, որ հետևից փլվեց հենց նոր փորած ստորանցքի առաստաղը, պատերը նստեցին, և ամբողջ ստորուղին հողով լցվեց։ Շուտով Չիպոլինոն Խլուրդի ձայնն այլևս չէր լսում։ Նա ինքն իրեն փնթփնթալով տխրությամբ հրաժեշտ տվեց Խլուրդին․․․ «Ցտեսություն, բարի ծերուկ Խլուրդ։ Աշխարհը նեղ է, և գուցե մենք դեռ հանդիպենք երբևէ, ու ես ձեզ խաբելու համար ներողություն կխնդրեմ։

Այսպես բաժանվելով իր ճանապարհորդության ընկերոջից, Չիպոլինոն ինչքան հնարավոր էր թաշկինակով դեմքը մաքրեց և վազեց իր բարեկամների մոտ այնքան ուրախ և անհոգ, կարծես տոնի էր եկել։

― Բարի օր, բարեկամներս, ― զրնգուն ձայնով գոչեց նա։

Պատկերացրե՜ք ձերբակալվածների ուրախությունը։ Նրանք նետվեցին Չիպոլինոյի գիրկը և համբույրի անձրև տեղացին նրա գլխին։ Մի վայրկյանում նրա վրա նստած կեղտը մաքրվեց։ Ոմանք գրկում էին նրան, ոմանք բարեկամաբար կսմթում, ոմանք խփում ուսին։

― Հանգի՛ստ, հանգի՛ստ, ― համոզում էր Չիպոլինոն, ― դուք ինձ կտոր֊կտոր կանեք։

Նրանք շատ չհանգստացան, բայց նրանց ուրախությունը փոխվեց հուսահատության, երբ Չիպոլինոն պատմեց իր չարաբաստիկ արկածների մասին։

― Ուրեմն, ախպերս, դու է՞լ մեզ նման գերի ես, ― հարցրեց վարպետ Խաղողը։

― Այդպես է դուրս գալիս, ― պատասխանեց Չիպոլինոն։

― Բայց եթե պահակները գան, քեզ կտեսնեն։

― Այդ արդեն պարտադիր չէ, ― ասաց Չիպոլինոն։ ― Ես միշտ էլ կարող եմ թաքնվել պրոֆեսոր Տանձի ջութակի մեջ։ Բարեբախտաբար ես այնքան էլ մեծ չեմ։

― Օ՜յ, իսկ ո՞վ մեզ այստեղից կհանի, ― շշնջաց Դդումը։

― Եվ այս բոլորը իմ մեղքով, ― ծանր հառաչեց Դդումը։ ― Այս բոլորն իմ պատճառով եղավ․․․

Չիպոլինոն ուզում էր ընկերներին աշխուժացնել, բայց նրա բոլոր ջանքերը իզուր անցան։ Դե, ասենք, նրա տրամադրությունն էլ բանի նման չէր։


Գլուխ տասնմեկերորդ

Որտեղ հայտնի է դառնում, որ ասպետ Պոմիդորը գուլպաներով քնելու սովորություն ունի


Հասկանալի է, որ Պոմիդորը բոլորից թաքցրեց Չիպոլինոյի փախուստը։ Նկուղում իր հետ եղած Լիմոնուկներին նա կարգադրեց, որ լռեն, և եթե մեկն ու մեկը հարցնի, ասեն թե հանցագործին ընդհանուր խուց են տեղափոխել։ Եվ որպեսզի ոչ ոք չտեսնի նրա քթի ուռուցքը, նա անկողնուց չէր ելնում, ոչ ոքի չէր ընդունում։ Մորին ուշադիր հետևում էր նրան, բայց այդպես էլ չէր հաջողվում իմանալ, թե Պոմիդորը նկուղների բանալին որտեղ է պահում։ Վերջապես նա որոշեց խորհուրդ հարցնել Բալուկից, որը, ինչպես ձեզ հայտնի է, դեռ հիվանդ էր և անընդհատ լաց էր լինում։ Բայց Մորին դեռ ամբողջ եղածը չէր պատմել, երբ Բալուկն արցունքները սրբեց և ոտքի թռավ․

― Չիպոլինոն բանտո՞ւմն է։ Նա ո՛չ մի րոպե չպետք է մնա այնտեղ․․․ Շուտ այստեղ տուր ակնոցս։

― Ի՞նչ ես ուզում անել։

― Ես նրան կազատեմ, ― վճռականորեն ասաց Բալուկը, ― Չիպոլինոյին և մնացած բոլորին։

― Բայց ինչպե՞ս Պոմիդորի մոտից բանալիները կվերցնես։

― Կթռցնեմ։ Միայն դու պատրաստիր շոկոլադի լավ տորտ և վրան քնելու դեղ ցանիր։ Իմ հորաքույրների մոտ այդ փոշուց կա։ Սինյոր Պոմիդորը շոկոլադ շատ է սիրում, և հենց որ քնի, ինձ իմաց տուր։ Իսկ առայժմ ես գնամ տեսնեմ՝ գործերը ոնց են ընթանում։

Մորին իր աչքերին չէր հավատում։ Փխրուն ու քնքուշ Բալուկը որտեղի՞ց էր այդքան համարձակություն ու վճռականություն ձեռք բերել։

― Ինչպե՜ս է փոխվել, աստված իմ, ինչպե՜ս է փոխվել, ― շշնջում էր Մորին։

Այդ օրը ով տեսնում էր Բալուկին, նույն բանն էր ասում։ Կոմսուհիները, սինյոր Մաղդանոսը և հերցոգ Մանդարինը զարմացած նայում էին տղային։

― Նա բոլորովին առողջացել է, ― տեսնելով, թե ինչպես են փայլում տղայի աչքերն ու ինչպես են այտերը վառվում, բացականչեց սինյորա կոմսուհի Ավագը։

― Ես ձեզ ասում էի, չէ՞, որ նա բոլորովին էլ հիվանդ չէ, ― հայտարարեց հերցոգը։ ― Նա ուղղակի ձևացնում էր։

Կոմսուհի Կրտսերն իսկույն համաձայնեց իր կամակոր ազգականի հետ, թե չէ, ո՞վ գիտե, նա կարող էր նորից բարձրանալ պահարանի վրա և սպառնալ, թե իր կյանքին վերջ կտա, եթե նրան որևէ նվիրաբերումով չգթան։

Իսկ այդ ժամանակ Բալուկը Լիմոնուկներից մեկից իմացավ, որ Չիպոլինոն բանտից փախել է։ Նրան այդ շատ ուրախացրեց։ Սակայն նա որոշեց, ինչ գնով էլ լինի, մյուս գերիներին էլ ազատել։

― Չիպոլինոյի բարեկամները նաև իմ բարեկամներն են, ― ասաց նա և անմիջապես գործի անցավ։

Բանտապանների հետ խոսելով, նա իմացավ, որ սինյոր Պոմիդորը նկուղի բանալիները պահում է գուլպայի ներսի կողմում կարած հատուկ գրպանում։

«Գործերը վատ են, ― մտածեց Բալուկը։ Բոլորին հայտնի է, որ Պոմիդորը միշտ գուլպաներով է քնում։ Ուրեմն հարկավոր է նրան այնպես քնեցնել, որ գուլպաները հանելիս չզարթնի»։

Եվ նա Մորուն խնդրեց, որ տորտի մեջ քնելու փաշի շատ լցնի։

Երբ գիշերը եկավ, աղախինը ասպետին մի հրաշալի շոկոլադե տորտ բերեց։ Սինյոր Պոմիդորն ուրախությունից ամբողջ տորտը միանգամից կերավ։

― Դու չպետք է քո տիրոջից բողոքես, ― ասաց նա Մորուն, ― երբ ես առողջանամ, անպայման քեզ կնվիրեմ անցյալ տարվա իմ կերած շոկոլադի թուղթը, շատ բուրավետ ու քաղցր է այդ թուղթը։

Մորին ի նշան շնորհակալության ասպետին խոր գլուխ տվեց, և երբ մեջքն ուղղեց, Պոմիդորն արդեն խռմփացնում էր, կարծես կոնտրաբասից և սրնգից կազմված մի ամբողջ նվագախումբ էր նվագում։

Մորին վազեց Բալուկին կանչելու։ Ձեռք ձեռքի տված նրանք ոտների թաթերի վրա ամրոցի միջանցքներով վազեցին դեպի ասպետի ննջարանը։

Նրանք անցան Մանդարինի սենյակի մոտով․ հերցոգը մինչև ուշ գիշեր թռիչքի վարժություններ էր անում։ Որպեսզի կարողանար սինյորա կոմսուհի Կրտսերից որևէ բան պոկել, նա թռիչքների համար պետք է վարժվեր։

Իրար հետևից բանալու անցքից նայելով, Մորին ու Բալուկը տեսան, թե ինչպես հերցոգը երես տված կատվի նման պահարանից թռչում է ջահի վրա, մահճակալի գլխից՝ հայելու գլխին, և զարմանալիորեն արագ մագլցում է դռան վարագույրներն ի վեր։ Կարճ ժամանակում նա իսկական լարախաղաց էր դարձել։

Աինյոր Պոմիդորի սենյակը բավական լուսավոր էր։ Մորին դիտմամբ պատուհանները բաց էր թողել, այնպես որ լուսամուտից լուսնի առատ լույս էր թափանցում։

Ասպետն առաջվա նման ուժեղ խռմփում էր։ Այդ րոպեին նա երազում տեսնում էր, թե ինչպես Մորին նրա համար հեծանիվի անվի մեծության մի ուրիշ տորտ է բերում։ Բայց հենց որ ուզեց ուտել, սենյակ մտավ բարոն Նարինջը և պահանջեց, որ Պոմիդորը տորտի կեսը իրեն տա։ Ասպետը սուրը հանեց, որ իր իրավունքները պաշտպանի։ Վերջ ի վերջո բարոնը նահանջեց՝ անխնա մտրակելով ձորձահավաքին, որը սայլակի ծանրությունից քրտնքի մեջ կորել էր։ Սինյոր Պոմիդորը դեռ չէր սկսել ուտել, երբ այս անգամ հայտնվեց հերցոգ Մանդարինը, որը բարձրանալով բարձր բարդու կատարը, ճչաց․ «Տվե՛ք, տվե՛ք ինձ տորտի կեսը, թե չէ ես այստեղից ինձ գլխիվայր ցած կգցեմ»։

Մի խոսքով Պոմիդորի քունը շատ անհանգիստ էր․ ծանոթ թե անծանոթ ուզում էր նրանից չարաբաստիկ տորտը խլել․ հետո այդ տորտը ասպետին դառնորեն հիասթափեցրեց։ Չգիտես ինչու, նա շոկոլադից ստվարաթղթի վերածվեց։

Սինյոր Պոմիդորը ոչինչ չկասկածելով, ատամները խրեց տորտի մեջ, և նրա բերանը լցվեց ստվարաթղթով, կոշտ, կպչուն և անհամ ստվարաթղթով։

Այն ժամանակ, երբ սինյոր Պոմիդորը հաղթահարում էր այդ ծանր երազները, Մորին զգուշությամբ նրա ոտքից գուլպան հանեց, իսկ Բալուկը գուլպայի միջից հանեց բանալիները։

― Ամեն ինչ արված է, ― շշնջաց նա Մորուն։

Աղջիկը նայեց իր քնած տիրոջն ու ասաց․

― Ա՛յ թե կկատաղի Պոմիդորը, երբ արթնանա ու տեսնի թե ինչ են արել իր հետ։

― Փախչենք, քանի չի արթնացել։

― Չէ՛, վախենալու բան չկա․ ես այնքան քնափոշի եմ ցանել, որ ամենաքիչը մի տասը մարդու կբավականացներ։

Նրանք կամաց դուրս եկան սենյակից, դուռը ծածկեցին և աստիճաններով շնչակտուր ցած իջան։

Հանկարծ Բալուկը կանգ առավ և կամացուկ ասաց․

― Իսկ պահակնե՞րը։

Իսկապես, նրանք այդ մասին չէին մտածել։

Մորին մատը դրեց բերանը․ դժվար պահերին նա միշտ այդպես էր անում։ Մատը ծծում էր, և գլխում միշտ լավ մտքեր էին ծագում։

― Գտա, ― վերջապես ասաց նա, ― ես կգնամ տան հետևը և կսկսեմ օգնություն կանչել, իբր թե ավազակներ են հարձակվել վրաս։ Իսկ դու բանտի պահակներին կանչիր և ուղարկիր ինձ օգնության։ Հենց որ մենակ մնաս, երկու անգամ պտտեցրու․ այ այս բանալին, և խցի դուռը կբացվի։

Այդպես էլ արեցին։ Մորին այնպես էր «օգնեցե՛ք» կանչում, որ քիչ էր մնում ծառերն էլ օգնության հասնելու համար արմատներից պոկվեին։ Բանտապաններն իրար անցան և, ինչպես բարակներն են գազանի հետևից վազում, նետվեցին աղմուկի կողմը։

― Շտապե՜ք, աստված կսիրեք, շտապեք, բանդիտնե՛ր են, բանդիտնե՛ր, ― նրանց հետևից կանչում էր Բալուկը։

Մենակ մնալով, նա բանալին անցքի մեջ մտցրեց, բաց արեց ծանր դուռը և մտավ նկուղ։ Ինչքա՜ն նա զարմացավ, երբ բանտարկյալների մեջ տեսավ իր բարեկամ Չիպոլինոյին։

― Դու այստե՞ղ ես, Չիպոլինո, ուրեմն չե՞ս փախել։

― Բալուկ, քեզ հետո ամեն ինչ կպատմեմ։ Իսկ հիմա պետք չէ ժամանակ կորցնել։

Եվ իսկապես, փախստականները պետք է շտապեին։

― Այստե՛ղ, այստե՛ղ, ― բարեկամներին ցույց տալով դեպի անտառ տանող շավիղը, շնչահատվելով ասում էր Բալուկը։ ― Մի՛ անհանգստացեք, բանտապանները ձեզ չեն տեսնի, նրանք վազեցին հակառակ կողմը։

Սանամեր Դդումին, որը չափից դուրս հաստ էր և չէր կարող արագ վազել, իսկական դդումի նման ճանապարհով գլորեցին։

Չիպոլինոն մի րոպեով ընկերներից ետ ընկավ և ջերմորեն շնորհակալություն հայտնեց Բալուկին, որի աչքերը արցունքից փայլում էին։

― Ապրե՛ս, ― ասաց Չիպոլինոն, ― ես չէի հավատում, թե դու իսկականից հիվանդ ես։ Եվ քանի դեռ ազատ էի, միշտ ուզում էի քեզ մոտ գալ։

― Փախի՛ր, շուտ փախի՛ր, թե չէ կբռնեն։

― Լավ, փախչում եմ, բայց շուտով կտեսնվենք։ Խոսք եմ տալիս քեզ, որ դեռ Պոմիդորի հախից կգանք։

Նա շտապ հասավ իր բարեկամներին և օգնեց, որ սանամեր Դդումին գլորեն։ Իսկ Բալուկը շտապեց ամրոց, որ բանալիները տեղը դնի, այսինքն՝ սինյոր Պոմիդորի աջ գուլպայի մեջ։

Բայց ի՞նչ եղավ պահակների հետ, որոնք վազեցին Մորուն բանդիտներից ազատելու։

Բանտապանները հասան Մորուն և տեսան, որ նա լաց է լինում։ Մինչև նրանց գալը, Մորին գոգնոցը պատառոտեց և դեմքը ճանկռոտեց, որպեսզի պահակները հավատային, թե իրոք նրա վրա բանդիտներ են հարձակվել։

― Ո՞ր կողմը փախան, ― արագ վազելուց շնչահատվելով հարցրին Լիմոնուկները։

― Ահա՛, այն կողմը, ― գյուղի կողմը ցույց տալով, պատասխանեց Մորին։

Բանտապանները սլացան այդ ուղղությամբ։ Երկու թե երեք անգամ պտտվեցին գյուղում և, փողոցներում ոչ ոքի չգտնելով, նրանք ձերբակալեցին միայն գյուղական Կատվին, թեև սա վճռական կերպով բողոքում էր։

― Չեմ հասկանում, ― զայրույթով մլավում էր Կատուն, ― կարծեմ մենք ապրում ենք ազատ երկրում, և դուք ինձ ձերբակալելու ոչ մի իրավունք չունեք։ Բացի այդ, դուք վրա հասաք հենց այն ժամանակ, երբ երկու ժամ անընդհատ ինձ սպասեցնող մուկը, վերջապես, իր բնից պիտի դուրս գար։

― Բանտում դուք ինչքան ասես մուկ կգտնեք, ― պատասխանեց պահակապետը։

Կես ժամ հետո Լիմոնուկները ամրոց վերադարձան։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ արեցին նրանք, երբ բանտը դատարկ գտան։ Նրանք Կատվին շտապ փակեցին խցում, և Պոմիդորի զայրույթից վախենալով՝ հրացաններն ու սրերը այս ու այն կողմ նետեցին, փախան։

Ասպետն առավոտյան արթնացավ և առաջին հերթին նայեց հայելու մեջ։

«Քիթս լավացել է, ― ինքն իրեն ասաց նա, ― կարելի է լաթը պոկել և գնալ նկուղ բանտարկյալներին հարցաքննելու»։

Ճանապարհին նա հետը տարավ սինյոր Սիսեռիկին, որպես իշխանական քրեական օրենքները լավ իմացողի, և սինյոր Մաղդանոսին, որպեսզի բանտարկյալների ցուցմունքները գրի առնի։

Երեքն էլ օրենքի ներկայացուցիչներին վայել հպարտ կեցվածքով խմբով իջան նկուղ։ Պոմիդորն աջ գուլպայի միջից բանալիները հանեց, բաց արեց ծանր դուռը, բայց այնքան արագ ետ ընկրկեց, որ իր ետևում կանգնած սինյոր Մաղդանոսին ցած գլորեց։ Խցից խղճալի տնքոց էր լսվում՝ ― «Մյա՛ու, մյա՛ու», ― անտանելի տանջանքներից կծկվելով մլավում էր գյուղական Կատուն։

― Դուք ի՞նչ եք անում այստեղ, ― վախից դողալով հարցրեց Պոմիդորը Կատվին։

― Ա՜խ, փորս ցավում է, ― դառնորեն բողոքեց Կատուն, ― խնդրում եմ ինձ ամբու֊լա֊տո՜րիա տանեք, կամ բժիշկ ուղարկեք այստեղ։

Բանից պարզվեց, որ Կատուն ամբողջ գիշեր մուկ է բռնել ու այնքան է կերել, որ նրա բերանից ոչ պակաս երկու հարյուր մկան պոչ էր դուրս ցցվել։

Ասպետը կատվին դուրս թողեց և թույլատրեց մեկ֊մեկ մկներ բռնելու համար բանտ գալ։ Հրաժեշտ տալով, նա Կատվին ասաց․

― Եթե դուք այնքան սիրալիր կլինեք, որ իբրև իրեղեն ապացույց ձեր օգտակար գործունեության՝ պահեք ձեր կերած մկների պոչերը, ապա ամրոցի ղեկավարությունը որոշ քանակությամբ պոչի համար ձեզ մի փոքրիկ թոշակ կնշանակի։

Դրանից հետո Պոմիդորն անմիջապես հեռագիր տվեց թագավորության տեր ու տիրական իշխան Լիմոնին, որտեղ ասում էր․

«Կոմսուհիներ Բալերի ամրոցում անկարգություն է տիրում, բարեհաճեցեք Լիմոնուկների մի գումարտակ գործուղել։ Ցանկալի է ձերդ մեծության անձնական ներկայությունը։ Պոմիդոր»։


Գլուխ տասներկուերորդ

Որտեղ սոխ Պրասը պարգևատրվում է և պատժվում


Հենց այդ օրը իշխան Լիմոնը քառասուն պալատական Լիմոնների և մի ամբողջ գումարտակ Լիմոնուկների գլուխ անցած, մտավ գյուղ։ Ինչպես արդեն գիտեք, իշխան Լիմոնի պալատում բոլորը գլխարկների վրա զանգակներ էին կրում։ Երբ պալատական զորքերն անցան ճանապարհով, այնպիսի երաժշտություն բարձրացավ, որ կովերը դադարեցին արածելուց, մտածելով, թե նոր նախիր են քշում բերում։

Զնգզնգոցը լսելով, Սոխ Պրասը, որ այդ րոպեին հայելու առաջ կանգնած բեղերն էր սանրում, գործն ընդհատելով գլուխը պատուհանից դուրս հանեց։ Հենց այդտեղ էլ նրան նկատեցին։ Լիմոնուկները խուժեցին տուն, ձերբակալեցին նրան ու բանտ տարան։ Նրա բեղերից մեկը ցցված էր վեր, մյուսը ցած էր կախված։

― Թույլ տվեք գոնե ձախ բեղս էլ սանրեմ, ― խնդրում էր Սոխ Պրասը պահակներին։

― Լռե՛լ, թե չէ մենք կկտրենք քո բեղերը, առաջ կկտրենք ձախը, հետո՝ աջը և դրանով էլ քեզ կազատենք սանրելու հոգսից։

Սող Պրասը իր միակ հարստությունը կորցնելուց վախենալով, լռեց։

Փաստաբան Սիսեռիկն էլ բանտարկվեց։ Նա երկար ժամանակ ճչում էր, փորձում էր ազատվել, խոսքեր էր թափում սիսեռի պես, բայց իզուր։

― Սա թյուրիմացություն է։ Ես այստեղի փաստաբանն եմ և ծառայում եմ ասպետ Պոմիդորի մոտ։ Սա պարզապես թյուրիմացություն է։ Անմիջապես ինձ ազատ արձակեք։

Բայց նրա խոսքերը իզուր էին անցնում․ ոնց որ պատի վրա սիսեռ ցանես։

Զինվոր Լիմոնուկները տեղավորվեցին այգում։ Միառժամանակ նրանք զբաղվում էին նրանով, որ կարդում էին սինյոր Մաղդանոսի հայտարարությունները, իսկ հետո, որպեսզի չձանձրանան, սկսեցին տրորել կանաչն ու ծաղիկները, որսալ ավազանների ոսկե ձկները, ծաղկանոցների ապակիներին նշան բռնել և նման այլ զվարճություններ հնարել։

Կոմսուհիները մազերը փետելով, մի պետից մյուսի մոտ էին վազում։

― Խնդրում ենք ձեզ, սինյորներ, հրամայեցեք ձեր մարդկանց, որ հանգստանան։ Նրանք մեր ամբողջ այգին կոչնչացնեն։

Բայց պետերը լսել անգամ չէր ուզում։

― Մեր քաջերին, ― հայտարարում էին նրանք, ― ռազմական սխրագործություններից հետո զվարճություն է հարկավոր։ Դուք պետք է շնորհակալ լինեք, որ նրանք պահպանում են ձեր հանգիստը։

Կոմսուհիներն ուզում էին ասել, թե Սոխ Պրասին և սինյոր Սիսեռիկին ձերբակալելն այնքան մեծ խիզախություն չէ, բայց սպաները սպառնացին։

― Շատ լավ։ Այդ դեպքում մենք կկարգադրենք, որ ձեզ էլ ձերբակալեն։ Նրանք հենց ռոճիկ են ստանում, որպեսզի բոլոր դժգոհներին ձերբակալեն։

Կոմսուհիները ստիպված էին հեռանալ և բողոքել իշխան Լիմոնին։

Իշխանն իր քառասուն պալատականների հետ տեղավորվել էր ամրոցում, գրավելով, ինչպես պետք էր սպասել, ամենալավ սենյակները։ Նրանք դուրս էին մղել սինյոր Պոմիդորին, բարոնին, հերցոգին, սինյոր Մաղդանոսին և նույնիսկ կոմսուհիներին։

Բարոն Նարինջը շատ էր մտահոգված։

― Ա՛յ, կտեսնեք, ― շշուկով ասում էր նա, ― այդ Լիմոններն ու Լիմոնուկները մեր ուտելեղենի ամբողջ պաշարը կխժռեն, և մենք սովից կմեռնենք։ Քանի դեռ ամրոցում ուտելիքի պաշար կա, նրանք այստեղ կմնան, իսկ հետո, մեզ թողնելով բախտի քմահաճույքին, կգնան։ Ա՜խ, սա մի այնպիսի դժբախտություն է, իսկական կործանում։

Իշխանն հրամայեց Սոխ Պրասին բերել և հարցաքննել։

Քիթը վանդակավոր թաշկինակով լավ մաքրելուց հետո, սինյոր Մաղդանոսը պատրաստվեց գրի առնելու մեղադրյալի պատասխանները, իսկ ասպետ Պոմիդորը նստեց իշխանի կողքին, որպեսզի նրան թելադրի, թե ինչպես հարցաքննել։

Բանն այն է, որ իշխան Լիմոնը, թեև գլխին ոսկե զանգակ էր կրում, այնքան էլ խելոք մարդ չէր, բացի այդ, աչքի էր ընկնում ցրվածությամբ։

Եվ ահա հիմա էլ դեռ գերուն ներս չէին բերել, երբ նա բացականչեց․

― Ա՜խ, ի՜նչ հոյակապ բեղեր ունի։ Երդվում եմ, որ ինձ ենթակա երկրներում ես երբեք այդքան գեղեցիկ, երկար ու լավ սանրված բեղեր չեմ տեսել։

Պետք է ասել, որ սոխ Պրասը բանտում անընդհատ հարդարում ու սանրում էր իր բեղերը։

― Շնորհակալ եմ, ձերդ մեծություն, ― համեստ ու քաղաքավարի ասաց նա։

― Դրա համար էլ, ― շարունակեց իշխան Լիմոնը, ― ես ուզում եմ նրան պարգևատրել Արծաթե Բեղի շքանշանով։ Այստեղ եկեք, իմ Լիմոններ։

Պալատականներն անմիջապես հայտնվեցին։

― Այստեղ բերեք Արծաթե Բեղի ասպետի թագը։

Բերեցին թագը, որն իրենից գլխի շուրջը պսակի նման ոլորած բեղ էր ներկայացնում։ Հասկանալի է, որ բեղը շինված էր մաքուր արծաթից։

Սոխ Պրասն իրեն կորցրեց։ Նա կարծում էր, թե իրեն հարցաքննության են բերել, մինչդեռ նման պատվի են արժանացնում։

Նա հարգանքով խոնարհվեց իշխանի առաջ, որն անձամբ թագը դրեց նրա գլխին, գրկեց և համբուրեց բեղերը, նախ աջ, հետո ձախ բեղը։ Ապա իշխանը վեր կացավ և ցրվածության պատճառով մտածելով, թե ինչ որ պետքն է արեց, ուզում էր գնալ։

Այստեղ ասպետ Պոմիդորը կռացավ և նրա ականջին շշնջաց․

― Ձերդ մեծություն, հարգանքով հիշեցնում եմ ձեզ, որ դուք ասպետական կոչում տվեցիք մի հայտնի հանցագործի։

― Այն րոպեից, երբ ես նրան ասպետ դարձրի, ― գոռոզաբար ասաց իշխանը, ― նա այլևս հանցագործ չէ։ Չնայած դրան, եկեք հարցաքննենք։

Եվ վերադառնալով սոխ Պրասի մոտ, իշխանը հարցրեց, թե հայտնի՞ է նրան ուր են փախել ձերբակալվածները։ Սոխ Պրասն ասաց, որ ոչինչ չգիտի։ Հետո նրան հարցրին, թե գիտի՞ որտեղ է թաքցրած Դդումի տունը, Սոխ Պրասը նորից պատասխանեց, որ իրեն ոչինչ հայտնի չէ։

Սինյոր Պոմիդորը կատաղեց

― Ձերդ մեծություն, այս մարդը խաբում է։ Ես առաջարկում եմ նրան կալանքի ենթարկել և բաց չթողնել՝ մինչև ճշմարտությունը չասի մեզ։ Ամբողջ ճշմարտությունը, և միա՛յն ու միա՛յն ճշմարտությունը։

― Շա՛տ լավ, շա՛տ լավ, ― ձեռքերը շփելով հաստատեց իշխան Լիմոնը։

Նա բոլորովին մոռացել էր, որ մի քանի րոպե առաջ Սոխ Պրասին պարգևատրել էր շքանշանով և ուրախացավ, որ մարդ տանջելու առիթ է լինում։ Նա շատ էր սիրում ներկա լինել ամենադաժան խոշտանգումներին։

― Ինչպիսի՞ կտտանքի ենթարկենք հիմա, ― հարցրեց դահիճը, որ իշխանին ներկայացավ իր բոլոր գործիքներով՝ եղանով, կացնով, ունելիով, ինչպես նաև լուցկու տուփով։

Լուցկին խարույկ վառելու համար էր։

― Պոկեցե՛ք դրա բեղերը։ Երևի նրա համար աշխարհում ամենաթանկ բանը բեղերն են։

Դահիճն սկսեց Սոխ Պրասի բեղերը քաշել, բայց նրանք այնքան ամուր էին, սպիտակեղենի ծանրությունից այնպես էին կոփվել, որ դահիճն իզուր էր չարչարվում ու քրտինք թափում։ Բեղերը չէին պոկվում, և Սոխ Պրասը ոչ մի ցավ չէր զգում։

Վերջ ի վերջո դահիճն այնպես հոգնեց, որ ուշաթափ ընկավ։ Սոխ Պրասին մի գաղտնի խուց տարան և նրա գոյության մասին մոռացան։ Նա ստիպված կերակրվում էր հում մկներով, և նրա բեղերն այնքան երկարեցին, որ երեք անգամ պտտվում էին գլխի շուրջը։

Սոխ Պրասից հետո հարցաքննության կանչեցին սինյոր Սիսեռիկին։

Փաստաբանը ընկավ իշխանի առաջ և սկսեց համբուրել նրա ոտներն ու աղաչել․

― Ներեցեք ինձ, ձերդ մեծություն, ես մեղավոր չեմ։

― Վա՛տ է, շա՛տ վատ է, սինյոր փաստաբան, եթե դուք մեղավոր լինեիք, ես ձեզ անմիջապես կազատեի։ Բայց եթե դուք ոչնչով մեղավոր չեք, ապա ձեր գործը շատ վատ ընթացք կստանա։ Սպասե՛ք, սպասե՛ք․․․ Իսկ դուք կարո՞ղ եք մեզ ասել, թե որտեղ են փախել գերիները։

― Ո՛չ, ձերդ մեծություն, ― ամբողջովին դողալով պատասխանեց սինյոր Սիսեռիկը։ Նա իրոք չգիտեր։

― Ա՛յ, տեսնո՞ւմ եք, ― բացականչեց իշխան Լիմոնը, ― էլ ինչպե՞ս ձեզ ազատենք, երբ ոչինչ չգիտեք։

Սինյոր Սիսեռիկը մի աղաչական հայացք գցեց Պոմիդորի վրա, բայց ասպետը ձևացավ, թե շատ տարված է իր մտքերով և աչքերն ուղղեց առաստաղին։

― Սինյոր Սիսեռիկը հասկացավ, որ ամեն ինչ կորած է։ Բայց նրա հուսահատությունն իսկական կատաղության փոխվեց, երբ տեսավ, որ իր տերն ու խնամատարը, որին նա ջերմեռանդությամբ ծառայում էր, իրեն այդքան նենգորեն լքեց։

― Իսկ դուք գոնե կարո՞ղ եք ասել, թե որտեղ է պահված չարագործ Դդումի տնակը։

Փաստաբանն այդ գիտեր, որովհետև ժամանակին նա ականջ էր դրել Չիպոլինոյի և իր համագյուղացիների խոսակցությանը։

«Եթե ես գաղտնիքը բացեմ, ― մտածեց նա, ― ինձ բաց կթողնեն։ Բայց ի՞նչ օգուտ։ Ես հիմա տեսնում եմ, թե իմ նախկին բարեկամներն ու հովանավորներն ովքեր են։ Երբ պետք էր իմ գիտելիքներն ու ընդունակություններն օգտագործել ուրիշներին խաբելու համար, նրանք ինձ ճաշի ու ընթրիքի էին հրավիրում, իսկ հիմա, դժբախտության մեջ, լքեցին։ Ո՛չ, այլևս չեմ ուզում սրանց օգնել։ Ինչ ուզում է լինի, սրանք ինձանից ոչինչ չեն իմանա»։

Եվ նա բարձրաձայն հայտարարեց․

― Ո՛չ, իշխան, ոչինչ չգիտեմ։

― Խաբում ես, ― աղաղակեց Պոմիդորը, ― դու լավ գիտես, բայց չես ուզում ասել։

Այստեղ սինյոր Սիսեռիկն ազատություն տվեց իր զայրույթին։ Նա, որպեսզի ավելի բոյով երևա, բարձրացավ թաթերի վրա, մի արհամարհական հայացք նետեց Պոմիդորին և ճչաց․

― Այո՛, գիտեմ, հիանալի գիտեմ, թե որտեղ է տնակը պահված, բայց ձեզ երբեք չեմ ասի։

Իշխան Լիմոնը մռայլվեց։

― Լավ մտածեք, ― ասաց նա, ― եթե գաղտնիքը չասեք, ես ձեզ ստիպված կախել կտամ։

Սինյոր Սիսեռիկի ծնկները սարսափից սկսեցին դողալ։ Նա երկու ձեռքով բռնեց իր պարանոցը, կարծես թե ուզում էր օղակից ազատվել, բայց նրա վճիռն անդրդվելի էր։

― Կախեցե՛ք ինձ, ― ասաց նա հպարտ, ― անմիջապես կախեցե՛ք։

Այս խոսքերն ասելով, կանաչ Սիսեռիկն ամբողջովին սպիտակեց և հնձած խոտի պես ընկավ գետնին։

Սինյոր Մաղդանոսն արձանագրության մեջ գրեց․

«Մեղադրյալը ամոթից և խղճի խայթից գիտակցությունը կորցրեց»։

Հետո իր վանդակավոր թաշկինակով մաքրեց քիթը և մատյանը փակեց։ Հարցաքննությունն ավարտված էր։


Գլուխ տասներեքերորդ

Այն մասին, թե ինչպես սինյոր Սիսեռիկը հակառակ իր ցանկության փրկեց ասպետի կյանքը


Երբ սինյոր Սիսեռիկն ուշքի եկավ, շուրջը անթափանց խավար էր տիրում։ Փաստաբանը մտածեց, թե իրեն երևի արդեն կախել են։

«Ես մեռել եմ, ― մտածեց նա, ― և ի՞նչ խոսք, ընկել եմ դժոխք։ Ինձ միայն մի բան է զարմացնում՝ ինչո՞ւ այստեղ կրակն այսքան քիչ է։ Ճիշտն ասած, իսկի էլ չկա։ Շատ զարմանալի է։ Դժոխք՝ առանց դժոխքի կրակի՞»։

Այդ ժամանակ նա լսեց, թե ինչպես է խցի փականի մեջ բանալին ճռռում։ Սիսեռիկը, քանի որ փախչելու տեղ չուներ, կուչ եկավ անկյունում և սարսափած սկսեց նայել բացվող դռանը։ Նա կարծում էր, թե հիմա կտեսնի Լիմոնուկ֊պահակներին և դահճին։

Լիմոնուկներն իսկապես որ հայտնվեցին, բայց նրանց հետ եկավ․․․ ձեր կարծիքով ո՞վ․ ինքը՝ ասպետ Պոմիդորը իր սեփական անձով՝ ձեռքերն ու ոտները կապած։

Սինյոր Սիսեռիկն ուզում էր բռունցքներով հարձակվել նրա վրա, բայց հետո իրեն զսպեց։ «Այս ի՞նչ ես անում, չէ՞ որ նա էլ ինձ նման կալանավոր է»։

Եվ թեև Սիսեռիկն իր նախկին տիրոջը բոլորովին չէր խղճում, այնուամենայնիվ հարցրեց․

― Ուրեմն ձե՞զ էլ են ձերբակալել։

― Ձերբակալե՞լ։ Ավելի լավ է ասեք, որ ես մահվան եմ դատապարտված։ Վաղը առավոտյան ինձ կկախեն ձեզանից անմիջապես հետո։ Դուք երևի չգիտեք, որ մենք գտնվում ենք կախաղանի դատապարտվածների խցում։

Փաստաբանը զարմանքից չէր կարողանում ուշքի գալ։ Նա գիտեր, որ իրեն մահապատիժ է սպասում, բայց երբեք չէր հավատա, որ իր հետ կկախեն նաև ասպետին։

― Իշխան Լիմոնը շատ էր զայրացել, ― շարունակեց Պոմիդորը, ― որ իրեն չի հաջողվում մեղավորներին բռնել։ Եվ գիտե՞ք, թե վերջ ի վերջո նա ինչ հնարեց։ Կոմսուհիների, հյուրերի ու ծառաների ներկայությամբ ինձ մեղադրեց այն բանի մեջ, թե ես՝ ասպետ Պոմիդորս դավադրության գլխավոր կազմակերպիչն եմ։ Դրա համար էլ հենց նա ինձ կախաղանի դատապարտեց։ Այո՛, այո՛, կախաղանի։

Սինյոր Սիսեռիկը չգիտեր ուրախանա՞, որ ասպետին այդքան ծանր պատիժ է սպասում, թե՞ խղճա նրան։ Վերջապես նա ասաց․

― Դե եթե այդպես է, արիացեք, ասպետ։ Կմեռնենք միասին։

― Այնքան էլ մխիթարական չէ, ― նկատեց սինյոր Պոմիդորը։ ― Ինչևէ, թույլ տվեք ներողություն խնդրել ձեզանից՝ հարցաքննության ժամանակ ձեր նկատմամբ ցուցաբերած անտարբերության համար։ Դուք պիտի հասկանաք, այդ ժամանակ իմ բախտն էլ էր վճռվում։

― Դե այդ արդեն անցած֊գնացած բան է․․․ եղածի մասին չխոսենք, ― սիրալիր առարկեց սինյոր Սիսեռիկը, ― մենք դժբախտության ընկերներ ենք։ Աշխատենք իրար օգնել։

― Ես էլ եմ այդպես կարծում, ― մի փոքր աշխուժանալով համաձայնեց սինյոր Պոմիդորը։ ― Շատ ուրախ եմ, որ դուք հիշաչար չեք։

Նա գրպանից մի կտոր տորտ հանեց և եղբոր պես կիսվեց փաստաբանի հետ։ Փաստաբանն իր աչքերին չէր հավատում։ Նա ասպետից այդքան բարություն ու առատաձեռնություն չէր սպասում։

― Դժբախտաբար նրանք ինձ սրանից ավելի ոչինչ չթողեցին, ― տխրությամբ գլուխն օրորելով, ասաց Պոմիդորը։

― Այո, այսպես է մեր մեղավոր աշխարհը։ Դեռ երեկ դուք ամրոցի լիակատար տերն ու տնօրենն էիք, իսկ այսօր գերի եք միայն։

Ասպետ Պոմիդորը ոչինչ չէր պատասխանում և շարունակում էր տորտ ուտել։

― Գիտե՞ք, ― վերջապես ասաց նա, ― ինձ նույնիսկ մի փոքր դուր է գալիս այդ չարաճճի Չիպոլինոյի արարքը։ Ճիշտն ասած, նա շատ ճարպիկ տղա է և ինչ որ անում էր՝ աղքատներին օգնելու համար էր, նրան իր բարի սիրտն էր այդպես թելադրում։

― Ես էլ եմ այդպես կարծում, ― համաձայնեց սինյոր Սիսեռիկը։

― Ո՞վ գիտե, ― շարունակեց Պոմիդորը, ― ո՞վ գիտե, թե որտեղ են նրանք հիմա, այդ բանտից փախածները։ Հավատացեք, ես հաճույքով նրանց համար որևէ լավ բան կանեի։

― Եվ ի՞նչ կարող եք դուք նրանց համար անել այս վիճակում։

― Ա՛խ, դուք իրավացի եք, ես հիմա նրանց օգնելու համար շատ անզոր եմ։ Բացի այդ, ո՞վ գիտե, թե որտեղ են նրանք։

― Ես էլ չգիտեմ, ― սինյոր Պոմիդորի վարմունքից շոյված անկեղծորեն ասաց սինյոր Սիսեռիկը։ ― Ինձ միայն հայտնի է, թե որտեղ է թաքցրած քավոր Դդումի տնակը։

Այդ լսելով ասպետը լեզուն կծեց։

«Պոմիդոր, ― ասաց նա ինքն իրեն, ― ուշադիր լսիր, թե ինչ կասի այս հիմարը․ գուցե դեռ փրկության հույս ունենաս»։

― Դուք իսկապե՞ս գիտեք, ― հարցրեց նա։

― Իհարկե գիտեմ, բայց երբեք ոչ ոքի չեմ ասի։ Ես այլևս այդ աղքատ մարդկանց վնաս տալու միտք չունեմ։

― Դա ձեզ պատիվ է բերում, սինյոր փաստաբան։ Ես էլ գաղտնիքը չէի ասի․ ես չէի ուզենա, որ իմ պատճառով այդ աղքատների գլխին նոր փորձանք գար։

― Որ այդպես է, ― ասաց սինյոր Սիսեռիկը, ― ես ուրախությամբ կսեղմեմ ձեր ձեռքը։

Սինյոր Պոմիդորը ձեռքը մեկնեց նրան, և սինյոր Սիսեռիկը պինդ սեղմեց այն։ Վերջ ի վերջո փաստաբանն այնքան հուզվեց, որ ցանկացավ իր դժբախտության ընկերոջ հետ մի քիչ անկեղծորեն զրուցել։

― Դուք միայն պատկերացրեք, ― խորհրդավոր շշունջով ասաց նա, ― նրանք տնակը թաքցրել են ամրոցի մոտերքում, իսկ մենք այնքան հիմար էինք, որ իսկի չէինք էլ կասկածում։

― Իսկ որտե՞ղ էին նրանք թաքցրել, ― անտարբերությամբ հարցրեց սինյոր Պոմիդորը։

― Հիմա արդեն կարող եմ ձեզ ասել, ― դառնորեն ժպտաց սինյոր Սիսեռիկը։ ― Չէ՞ որ վաղը մենք երկուսս էլ կմեռնենք և գաղտնիքը մեզ հետ կտանենք գերեզման։

― Դե իհա՛րկե։ Դուք լավ գիտեք, որ վաղը մեզ մահապատժի կենթարկեն և մեր աճյունը քամուն կտան։

Այստեղ փաստաբան Սիսեռիկն ավելի մոտեցավ իր խոսակցին և նրա ականջին կամաց ասաց, որ քավոր Դդումի տնակը գտնվում է անտառում, և նրան պահպանում է քավոր Հավամրգին։

Ասպետն այդ բոլորը լսեց, ջերմորեն գրկեց փաստաբանին և բացականչեց․

― Իմ թանկագին բարեկամ, ես այնքան շնորհակալ եմ, որ ինձ հայտնեցիք այդ կարևոր լուրը։ Դուք փրկում եք իմ կյանքը։

― Ես փրկում եմ ձեր կյա՞նքը։ Կատա՞կ եք անում, ինչ է։

― Բոլորովին էլ ոչ, ― տեղից վեր թռչելով ասաց Պոմիդորը։

Նա նետվեց դեպի դուռը և ինչքան ուժ ուներ սկսեց բռունցքներով ծեծել, մինչև բանտապահ Լիմոնուկները բաց արեցին այն։

― Այս րոպեիս ինձ տարեք նորին մեծություն իշխան Լիմոնի մոտ, ― հրամայեց սինյոր Պոմիդորը, ― ես նրան շատ կարևոր բան ունեմ հաղորդելու։

Ասպետին անմիջապես ամրոց տարան։ Նա իշխանին պատմեց ամեն ինչ, որ լսել էր սինյոր Սիսեռիկից և ներումն ստացավ։

Իշխան Լիմոնը շատ գոհ մնաց և հրամայեց իր Լիմոնուկներին հաջորդ օրը սինյոր Սիսեռիկի մահապատժից հետո գնալ անտառ և քավոր Դդումի տնակը բերել։


Գլուխ տասնչորսերորդ

Որտեղ պատմվում է, թե ինչպես սինյոր Սիսեռիկը կառափնարան գնաց


Գյուղական հրապարակում կախաղան պատրաստեցին։ Դատապարտվածը պետք է բարձրանար տախտակամածը, որի մեջտեղում, ուղիղ կախաղանի տակ, մի փոքրիկ դռնակ կար։ Սինյոր Սիսեռիկն օղակը վզին այդտեղ պետք է ընկներ։

Երբ եկան դատապարտվածին հրապարակ տանելու, սինյոր Սիսեռիկը որպես փորձված փաստաբան, ամեն ինչ արեց, որ ժամանակը երկարի։ Օրենքի զանազան հոդվածներ վկայակոչելով, նա պահանջեց, որ նախ իրեն սափրվելու ժամանակ տան, հետո ցանկացավ գլուխը լվանալ, ապա հայտնաբերեց, որ ոտքերի եղունգները երկարել են, և ուզում է մահապատժից առաջ եղունգները կտրել։

Դահիճը, որ ժամանակ չէր ուզում կորցնել, սկսեց վիճել, բայց վերջ ի վերջո զիջեց։ Հին սովորության համաձայն, մահվան դատապարտվածի վերջին ցանկությունը պետք է կատարվեր։ Դրա համար էլ մի ամանով տաք ջուր, տաշտ, մկրատ և ածելի բերեցին բանտ։ Փաստաբան Սիսեռիկն առանց շտապելու սկսեց իր գործը։ Երկար ժամանակ նա կարգի էր բերում իրեն՝ սափրվում էր, լվացվում և համարյա երկու ժամ անընդհատ զբաղված էր եղունգները կտրելով։ Չնայած դրան, նա վաղ թե ուշ ստիպված էր գնալ մահապատժի վայրը։

Երբ Սիսեռիկը բարձրանում էր տախտակամածը, սարսափը պատեց նրան։ Այստեղ, կառափնարանի աստիճանների վրա նա առաջին անգամ պարզորոշ կերպով զգաց, որ պետք է մեռնի։ Այդքան փոքրիկ, այդքան չաղլիկ, այդքան կանաչ, մաքուր լվացված գլխով ու կտրված եղունգներով, նա այնուամենայնիվ պետք է մեռեր։

Թմբուկները չարագուշակ կերպով թնդացին։ Դահիճն օղակը հագցրեց փաստաբանի վզին, մինչև տասներեք հաշվեց և կոճակը սեղմեց։ Ոտների տակի դռնակը բացվեց, և սինյոր Սիսեռիկն օղակը ձգելով ընկավ խավարի մեջ։ Դրանից առաջ նա կարողացավ մտածել․ «Այս անգամ, թվում է, թե իսկականից մեռա»։

Հանկարծ նա մի խուլ ձայն լսեց․

― Կտրեցե՛ք, շուտ կտրեցե՛ք, սինյոր Չիպոլինո։ Այստեղ այնքան լույս է, որ ես ոչինչ չեմ տեսնում։

― Ինչ֊որ մեկը կտրեց փաստաբանի պարանոցը խեղդող պարանը և նորից լսվեց նույն ձայնը․

― Մեր կարտոֆիլի հիանալի հյութից մի կում տվեք դրան։ Մենք, խլուրդներս, երբեք չենք բաժանվում այդ հրաշալի դեղից։

Իսկ ի՞նչ պատահեց․ ի՞նչ զարմանալի դիպվածով փրկվեց փաստաբան Սիսեռիկի կյանքը։


Գլուխ տասնհինգերորդ

Որ բացատրում է նախորդ գլուխը


Իսկ ահա թե ինչ էր պատահել։ Մորին, որ գիտեր ամրոցում տեղի ունեցող ամեն մի իրադարձություն, վազեց անտառ և Բողկին պատմեց սինյոր Սիսեռիկին սպառնացող վտանգի մասին։ Իսկ Բողկը դա անմիջապես հայտնեց իր բարեկամ Չիպոլինոյին։ Նա Չիպոլինոյին գտավ քավոր Դդումի տնակից ոչ այնքան հեռու ընկած մի անձավում, որտեղ տղան թաքնվում էր մնացած փախստականների հետ։

Չիպոլինոն ուշադիր լսեց, իսկ հետո վարպետ Խաղողից բիզը խնդրեց, որ ծոծրակը քորի, քանի որ հարցը շատ լուրջ էր, և որևէ ելք գտնելու համար անհրաժեշտ էր մի լավ քորվել։

Մի քիչ մտածելով Չիպոլինոն բիզը վերադարձրեց վարպետ Խաղողին և կարճ ասաց․

― Շնորհակալություն, գիտեմ, թե ինչ պիտի անել։

Եվ անմիջապես վազելով ինչ֊որ տեղ գնաց։ Ոչ ոք չկարողացավ հարցնել, թե ինչ է նա մտածել։

Քավոր Դդումը խորը հառաչելով, ասաց․

― Ախր եթե Չիպոլինոն ասում է, որ մի բան հնարել է, հանգիստ մնացեք, նա շուտով ամեն ինչ կկարգավորի։

Սակայն Չիպոլինոն շատ թափառեց դաշտերում ու մարգագետնում՝ մինչև գտավ իր փնտրածը։ Վերջապես հասավ ամբողջովին փխրուն հողաթմբերով ծածկված մի մարգագետին։ Ամեն րոպե այստեղ սունկի նման մի նոր փխրուն հողաթումբ էր բարձրանում։

― Չիպոլինոն որոշեց սպասել։ Եվ ահա, երբ մի թումբ բարձրացավ համարյա թե նրա ոտների մոտ, նա ծունկի իջավ և կանչեց․

― Սինյո՛ր Խլուրդ, սինյո՛ր Խլուրդ, այդ ես եմ, Չիպոլինոն։

― Հը՛մ, այդ դո՞ւք եք, ― պատասխանեց Խլուրդը չորությամբ, ― ճիշտն ասած, մեր առաջին հանդիպումից հետո ես միայն կիսով չափ կուրացա։ Երևի դուք մի նոր ստորերկրյա ճանապարհորդություն եք առաջարկում, որն ինձ լրիվ կզրկի տեսողությունից։

― Այդպես մի՛ ասեք, սինյոր Խլուրդ, ես երբեք չեմ մոռանա ձեր լավությունը։ Ձեր շնորհիվ ես հանդիպեցի իմ բարեկամներին։ Մեզ հաջողվեց ազատվել, ու մենք մեզ համար ժամանակավոր ապաստարան ճարեցինք մոտակա անձավում։

― Շնորհակալ եմ նորության համար, բայց այդ ինձ բոլորովին չի հետաքրքրում, ցտեսություն։

― Սինյոր Խլուրդ, լսեցեք ինձ, սինյոր Խլուրդ, ― ձայն տվեց Չիպոլինոն։

― Ի՞նչ արած, խոսեցեք, միայն մի՛ կարծեք, թե ես ձեզ առաջվա պես կօգնեմ։

― Գործը ոչ թե ինձ է վերաբերում, այլ մեր գյուղական փաստաբանին, որին Սիսեռիկ են ասում։ Նրան վաղը առավոտյան կախելու են։

― Շատ էլ լավ կանեն, ― բարկացած պատասխանեց Խլուրդը, ― ես հաճույքով կօգնեի, որ պարանը գցեն նրա վիզը։ Տանել չեմ կարողանում փաստաբաններին, իսկ սիսեռ բոլորովին չեմ սիրում։

Խեղճ Չիպոլինոն քիչ չչարչարվեց, որպեսզի համառ Խլուրդին համոզի։ Բայց նա հավատացած էր, որ չնայած իր կոպտությանը Խլուրդը ոսկի սիրտ ունի և երբեք չի հրաժարվի արդար գործին օգնելուց։

Այդպես էլ եղավ։ Վերջ ի վերջո Խլուրդը մի քիչ մեղմացավ և հատ֊հատ, հեզությամբ ասաց․

― Բավական է շաղակրատենք, սինյոր Չիպոլինո։ Ինչպես երևում է, դուք ճարպիկ լեզու ունեք։ Ավելի լավ է ցույց տվեք, թե ո՛ր կողմը փորեմ։

― Հյուսիս֊հյուսիս֊արևելքի ուղղությամբ, ― ուրախությունից վեր֊վեր թռչելով պատասխանեց Չիպոլինոն։

Կարճ ժամանակում Խլուրդը մի լայն ու երկար միջանցք փորեց մինչև կառափնարանի տակը։ Այստեղ նա ու Չիպոլինոն նստեցին ու սպասեցին, թե ինչ կլինի։ Երբ փոքրիկ դռնակը բացվեց, և սինյոր Սիսեռիկը պարանը վզին ընկավ ցած, նա մի ակնթարթում պարանը կտրեց և փաստաբանին կարտոֆիլի բուժիչ հյութ տվեց խմելու, որ Խլուրդը միշտ հետը ման էր ածում։ Բացի այդ, Չիպոլինոն կամաց սկսեց խփել փաստաբանի այտերին։ Կարտոֆիլի հյութը և ապտակները փաստաբանին ուշքի բերեցին։ Սինյոր Սիսեռիկն աչքերը բացեց, բայց դե գիտե՞ք, այնքան շշմած էր, որ իր փրկությանը չէր հավատում։

― Օ՜, սինյոր Չիպոլինո, ― բացականչեց նա, ― ուրեմն դուք էլ ինձ նման մեռել եք։ Ի՜նչ երջանկություն է, որ մենք հանդիպեցինք դրախտում։

― Ուշքի եկ, փաստաբան, ― միջամտեց Խլուրդը։ ― Այստեղ ոչ դրախտ կա, ոչ էլ դժոխք։ Ես էլ ոչ սուրբ Պետրոսն եմ, ոչ էլ սատանա, այլ ծեր Խլուրդն եմ և պետք է գնամ գործիս։ Դրա համար էլ եկեք ինչքան կարելի է այստեղից շուտ դուրս գանք, և աշխատեցեք իմ աչքին քիչ երևալ։ Ամեն անգամ, երբ ես հանդիպում եմ Չիպոլինոյին, արևահարվում եմ։

Իրականում կառափնարանի տակ կատարյալ խավար էր տիրում, բայց այդ նկուղն էլ այնքան լուսավոր էր թվում, որ նրա աչքերն ու գլուխը ցավեցին։

Վերջապես սինյոր Սիսեռիկը գլխի ընկավ, որ Չիպոլինոյի ու Խլուրդի շնորհիվ փրկվել է մահից։ Փաստաբանն անընդհատ շնորհակալություն էր հայտնում իր փրկիչներին։ Սկզբում նա առանձին֊առանձին գրկեց նրանց, հետո ուզեց երկուսին միասին գրկել, բայց դա չհաջողվեց, քանի որ ձեռները շատ կարճ էին։

Երբ վերջապես Սիսեռիկը հանգստացավ, երեքով ճամփա ընկան արդեն պատրաստի ստորանցքով։ Հասնելով ստորանցքի ծայիրն, Խլուրդը մի միջանցք էլ փորեց մինչև այն անձավը, որտեղ թաքնվում էին վարպետ Խաղողը, քավոր Դդումը, պրոֆեսոր Տանձը և մյուս փախստականները։

Փաստաբանին և նրա փրկարարներին նրանք դիմավորեցին ուրախ բացականչություններով։ Բոլորն էլ մոռացան, որ դեռ վերջերս սինյոր Սիսեռիկն իրենց թշնամին էր։

Իր նոր բարեկամներին հրաժեշտ տալով, Խլուրդը չկարողացավ արցունքները պահել։

― Սինյորներ, ― ասաց նա, ― եթե դուք գոնե մի կաթիլ առողջ դատողություն ունենայիք, դուք ինձ հետ կբնակվեիք հողի տակ։ Այնտեղ ոչ կախաղան կա, ոչ ասպետ Պոմիդոր, ոչ իշխան Լիմոն, ոչ էլ նրա Լիմոնուկները։ Հանգստություն և մթություն, ահա թե ինչն է կարևոր այս աշխարհում։ Բոլոր դեպքերում, եթե ես ձեզ պետք գամ, ահա այս անցքի մեջ մի գրություն գցեք։ Ես երբեմն կգամ այստեղ, որպեսզի տեսնեմ, թե ինչպես են գնում ձեր գործերը։ Իսկ այժմ՝ հաջողություն ձեզ։

Նրանք ջերմորեն հրաժեշտ տվին ծեր Խլուրդին, և դեռ բոլորը չէին ողջագուրվել, երբ սինյոր Սիսեռիկն այնպես խփեց իր ճակատին, որ չկարողացավ ոտքին մնալ և ընկավ մեջքի վրա։

― Ի՜նչ թափթփվածն եմ ես, ի՛նչ բերանբացը։ Իմ ցրվածությունը վերջ ի վերջո ինձ կկործանի։

― Դուք որևէ բա՞ն եք մոռացել, ― փաստաբանին գետնից բարձրացնելով և նրա շորերից փոշին թափ տալով, քաղաքավարությամբ հարցրեց սամաներ Դդումը։

Այստեղ սինյոր Սիսեռիկը փախստականներին պատմեց Պոմիդորի հետ ունեցած իր խոսակցության և ասպետի նոր դավաճանության մասին։

Նա իր ճառն ավարտեց հետևյալ խոսքերով․

― Սինյորներ, գիտե՞ք, որ հենց այս րոպեին, երբ մենք այստեղ զրուցում ենք, Լիմոնուկները քրքրում են ամբողջ անտառը։ Նրանց հրամայված է գտնել ձեր տնակը և տանել ամրոցի դարբասի մոտ։

Առանց մի խոսք ասելու Չիպոլինոն նետվեց անտառի խորքը և շուտով հայտնվեց կաղնու տակ քավոր Հավամրգու մոտ։ Բայց տնակն արդեն այնտեղ չէր․․․

Քավոր Հավամրգին կաղնու արմատների մոտ կուչ եկած հոնգուր֊հոնգուր լար էր լինում։

― Ա՜խ, իմ սիրուն տնակ, իմ լա՛վ, հարմարավետ տնակ։

― Լիմոնուկներն այստեղ եղե՞լ են, ― հարցրեց Չիպոլինոն։

― Այո՛, այո՛, նրանք ամեն ինչ տարան, և՛ տնակը, և՛ մկրատի կեսը, և՛ ածելին, և՛ հայտարարությունը, և՛ նույնիսկ զան֊գա֊կը։

Չիպոլինոն ծոծորակը քորեց։ Այս անգամ նրան երկու բիզ էր հարկավոր, որ կարողանար մի բան հնարել, բայց նա նույնիսկ մեկը չուներ։ Քնքշորեն շոյելով քավոր Հավամրգու ուսերը, Չիպոլինոն նրան տարավ քարանձավ, իր բարեկամների մոտ։

Ո՛չ ոք նրանց հարց չտվեց։ Առանց խոսքի էլ բոլորը հասկացան, որ տնակն անհայտացել է, և որ այդ իրենց երդվյալ թշնամու՝ ասպետ Պոմիդորի արածն է։