Պահապանները

Գրապահարան-ից
Պահապանները
հեքիաթ֊վիպակ

հեղինակ՝ Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկին
թարգմանիչ՝ Է․ Մակարյան
աղբյուր՝ «Պահապանները»

Նախաբան

Մենք հիմնականում պատմելու ենք հոբիթների մասին, և հետաքրքրասեր ընթերցողը մոտիկից կծանոթանա նրանց կյանքին, բնավորությանն ու պատմությանը։ Ոմանք, հավանաբար, արդեն կարդացել են «Հոբիթ» վիպակը, որտեղ կան Արևմտյան Երկրի Ալ Գրքի սկզբնական գլուխները, որ գրել է առաջինը համընդհանուր փառաբանության արժանացած հոբիթ Բիլբո Պարկինսը։ Այդ գլուխները կրում են «Գնալն ու գալը» ենթավերնագիրը, որովհետև պատմում են Բիլբոյի Արևելք կատարած ճամփորդության և տունդարձի մասին։ Հենց Բիլբոյի պատճառով հոբիթներն ընկան ահավոր իրադարձությունների հորձանուտի մեջ, որը հիմնովին ու անճանաչելիորեն փոխեց հին աշխարհը։

Բայց և այնպես նախաբանում համառոտ պատմվում Է Բիլբոյի արշավանքի մասին, չէ՞ որ ոչ բոլորն ունեն «Հոբիթ» գիրքը։ Եթե ցանկանում եք՝ կարդացեք հոբիթների մասին սկզբնական տեղեկությունները և վերհիշեք Բիլբոյի արկածները, երևի մի քիչ մոռացած կլինեք։

Հոբիթները փոքր, բայց հնադարյան ժողովուրդ են։ Առաջներում նրանք ավելի շատ են եղել, քան այժմ։ Սիրում են լռություն ու անդորր, առատ հունձք ու ծաղկավետ մարգագետիններ, իսկ հիմա աշխարհն ինչ-որ շատ աղմկալի ու նեղվածք է դարձել։ Լինելով հմուտ ու ճարտար, հոբիթները, սակայն, տանել չէին կարող, ու մինչև հիմա էլ չեն կարողանում, դարբնի փուքսից, ջրաղացից և ճախարակից բարդ սարքեր։ Ի սկզբանե անտի խուսափել են մարդկանցից, իրենց լեզվով՝ «հսկաներից», իսկ հիմա պարզապես մեր աչքին չեն էլ երևում։ Նախանձելի լսողություն ունեն, սուր աչք, ճիշտ է, նրանք գիրուկ են ու շտապել չեն սիրում, բայց հարկ եղած դեպքում ժիր են ու ճարպկությամբ էլ ոչ ոքի չեն զիջի։ Հոբիթները վարժվել են վայրկենապես ու անաղմուկ անհետանալ անկոչ «հսկայի» հայտնվելու առաջին իսկ պահին։ Եվ այնքան ճարպկորեն են այդ անում, որ մարդկանց դա կախարդություն է թվում։ Իսկ հոբիթներր գաղափար էլ չունեին որևէ կախարդանքի մասին, ուղղակի նրանք ի բնե թաքնվելու վարպետ էին, և հենց մի փոքր բան էր լինում՝ աչքից կորչում էին, ի զարմանս իրենց մեծ ու անճոռնի հարևանների։

Նրանք ախր փոքրիկ են, մարդու կեսի չափ, նույնիսկ թզուկներից էլ փոքր ու վտիտ։ Հիմա արդեն մեկմետրանոց հոբիթներն էլ հազվադեպ են հանդիպում, իսկ առաջներում, ասում են, ավելի բարձրահասակ էին։

Խաղաղ ու բարեբեր օրերին հոբիթներն ապրում էին իրենց քեֆն ուզածին պես, այսինքն՝ ուրախ էին ապրում։ Հագնվում էին խայտաբղետ, առավելապես դեղին ու կանաչ գույների, ոտնաման չէին հագնում՝ նրանց կոշտ թաթերր ծածկված էին խիտ, գանգուր մազով, սովորաբար, ինչպես և գլխի մազերը՝ մուգ խարտյաշ։ Այնպես որ կոշկակարի արհեստը նրանց մոտ հարգի չէր, դրա փոխարեն ծաղկում էին մյուս արհեստները, և հոբիթների երկար ու հմուտ մատները սարքում էին շատ օգտակար, և գլխավորը հոյակապ իրեր։ նրանց դեմքերը գեղեցկությամբ աչքի չէին ընկնում, ավելի շուտ բարեհոգի էին՝ ջինջ աչքերով, կարմրաթուշ, բերանները համարյա մինչև ականջները բաց միշտ ծիծաղող, ուտել-խմելու պատրաստ։ Ծիծաղում էին ամբողջ հոգով, ուտում ու խմում էին ըմբոշխնելով, կատակները պարզունակ էին, ուտում էին օրը վեց անգամ (միայն թե ուտելու բան լիներ)։ Սրտաբաց հոբիթները շատ էին սիրում հյուրեր ընդունել ու նվերներ ստանալ իրենք էլ պարտքի տակ չէին մնում։

Միանգամայն հասկանալի է, որ հոբիթները մեր ուղղակի ազգականներն են, անհամեմատ ավելի մոտ, քան էլֆերն ու թզուկները։ Հնում նրանք խոսում էին մարդկային, իրենց ձևով փոխակերպված լեզվով, շատ բաներով նմանվում էին մարդկանց։ Բայց թե ի՞նչ ազգակցություն է նրանց հետ, հիմա արդեն դժվար է պարզել։ Հոբիթները Նախասկզբնական դարաշրջանի անհիշելի օրերի ծնունդ են։ Միայն էլֆերն են պահպանում այդ հեռավոր անցյալի խորքն անցած ժամանակների գրավոր ավանդությունները, այն էլ միայն իրենց մասին, մարդկանց մասին քիչ բան կա այնտեղ, իսկ հոբիթների մասին բոլորովին չի հիշվում։ Այսպես, դարեր շարունակ բոլորից աննկատ, հոբիթներն իրենց համար ապրում էին Միջերկրում։ Բայց Բիլբոյի և նրա ժառանգորդ Ֆրոդոյի օրոք նրանք հանկարծ, իրենք էլ ամենևին այդ չցանկանալով, բոլորի համար կարևոր ու հայտնի դարձան, և նրանց մասին խոսեցին Իմաստունների ու Տիրակալների խորհուրդներում։

Միջերկրի Երրորդ դարաշրջանը վաղուց անցել է, և աշխարհն այժմ շատ է փոխվել, բայց հոբիթներն ապրում են նույն տեղում, որտեղ որ ապրում էին այն ժամանակ՝ Հին աշխարհի հյուսիս-արևմուտքում, ծովից դեպի արևելք։ Իսկ որտեղից էին նրանք հայտնվել և որտեղ էին ապրում ի սկզբանե՝ դա ոչ ոք չգիտեր նույնիսկ արդեն Բիլբոյի ժամանակներում։ Նրանց սեփական տարեգրություններն սկսվում էին Հոբիթստանի բնակեցումից, և նույնիսկ ամենահին հոբիթ յան պատումները հասնում էին մինչև Դեգերումների օրերը, ոչ ավելի վաղ։ Սակայն և ըստ այդ զրույցների, և ըստ որոշ բառերի ու սովորույթների հասկանալի է, որ հոբիթները, ուրիշ շատ ժողովուրդների նման, ինչ-որ ժամանակ Արևելքից են եկել։

Մշուշապատ լեռնաշղթայի և Կապույտ լեռների միջև հոբիթներին և Էլֆեր էին հանդիպում, և մարդիկ։ Այն ժամանակ այստեղ դեռ ապրում էին դունդանացիները՝ Անդրծայրամասային Արևմուտքից ծովով եկածների թագավորական սերունդները։ Բայց նրանք հետզհետե պակասում էին, և Հյուսիսային Իշխանությունը աստիճանաբար ավերակների էր վերածվում։ Հոբիթ եկվորներին չէին նեղացնում, տեղը բավականացնում էր, և նրանք արագորեն բնակություն հաստատեցին նոր հողերում։

Այդ նույն հեռավոր ժամանակներում հոբիթները, հավանորեն, և գրությունը յուրացրին՝ դունադանցիների օրինակով, որոնք ինչ-որ ժամանակ, շատ վաղուց այն վերցրել էին էլֆերից։ Շուտով նրանք մոռացության տվեցին նախկին բարբառները և սկսեցին խոսել համընդհանուր լեզվով՝ տարածված ամենուր, Արնորից մինչև Գոնդոր։ Ի դեպ, իրենց որոշ հին բառեր հոբիթներն այնուամենայնիվ պահպանեցին. օրերի, շաբաթների, ամիսների անունները և, իհարկե, հատուկ անունները։

Արևելքից արևմուտք, Արևմտյան բարձրավանդակից մինչև Բրենդիդուիմյան Կամուրջ, նրանց հողերը տարածվոլմ էին հարյուրավոր լիգերով և հարյուր հիսուն լիգ՝ հյուսիսային խրուտներից մինչև հարավային ճահիճները։ Այդ բոլորը կոչվեց Հոբիթստան։ Այդ տաքուկ անկյունում հոբիթներն ապրում էին յուրօրինակ ձևով, ուշադրություն չդարձնելով իրենց հողերի սահմաններից այն կողմ տեղի ունեցող անկարգություններին, և վարժվել էին խաղաղությունն ու լիությունը Միջերկրի բնակիչների ճակատագիրը համարել։ Սրանք մոռացել էին կամ մոռացության էին տվել այն մի քիչը, որ գիտեին Պահակների՝ հյուսիս֊արևմոլտքում խաղաղության վաղեմի պաշտպանների, ռազմական գործերի մասին։ Հոբիթները նրանց պաշտպանության տակ էին գտնվում և դադարել էին դրա մասին մտածելուց։

Մի բան, որ հոբիթների մեջ չկար՝ դա ռազմասիրությունն էր, իրար հետ նրանք երբեք չէին կռվում։ Իհարկե, ժամանակին ստիպված եղան իրենք իրենց պաշտպան կանգնել, ինչպես և լինում է մեր աշխարհում։ Բայց Բիլբոյի օրոք դա արդեն անհիշելի անցյալ էր։ նույնիսկ կլիման էր մեղմացել, այնպես որ անգամ հ յուսիսային գայլերի ձմեռային հարձակումները տատի հեքիաթ էին դարձել։

Սակայն կուշտ ու անվրդով կյանքը, չգիտես ինչու, բնավ էլ փափկասուն չէր դարձրել այդ պստիկներին։ Ահաբեկել, առավել ևս ընկճել հոբիթին, այնքան էլ հեշտ բան չէր։ Թերևս, հենց դրա համար էլ նրանք սիրում էին երկրային բարիքները, որ կարողանում էին շատ հանգիստ ապրել առանց դրանց էլ։ Փորձանքներին, զրկանքներին, աղետներին ու վատ եղանակին ավելի լավ էին դիմանում, քան կարելի էր սպասել նայելով նրանց տռուզ փորերին ու կլորիկ երեսներին։ Անսովոր լինելով կռվելու, որսորդությունը չընդունելով, նրանք բոլորովին էլ իրենց չէին կորցնում վտանգի դեպքում և այդքան էլ խորթացած չէին զենք բանեցնելուն։ Սուր աչքն ու ամուր ձեռքը նրանց դիպուկ նետաձիգներ էին դարձրել ու ոչ միայն նետաձիգներ։ Եթե պատահում էր, որ հոբիթն արդեն կռացել էր քար վերցնելու, ապա ամեն գազան գիտեր, որ, գլխապատառ ծլկելուց բացի, իրեն ուրիշ ոչինչ չի մնում անելու։ Ըստ ավանդության, ինչ-որ ժամանակ բոլոր հոբիթներն իրենց համար բներ էին փորում՝ նրանք հիմա էլ համարում են, որ գետնի տակ ապրելն ամենից հարմարավետն է, բայց ժամանակի ընթացքում ստիպված եղան այլ բնակարանների ևս վարժվել ճիշտը որ ասենք, Բիլբոյի օրոք հին ձևով ապրում էին միայն ամենահարուստ ու ամենաաղքատ հոբիթները։ Աղքատները ծվարում էին խղճուկ գետնախուցերում, իսկական բներում՝ առանց պատուհան կամ մեկ պատուհանով։ Իսկ նրանք, որ ունևոր էին, հին սովորույթը հարգելով՝ իրենց համար ստորգետնյա պալատներ էին կառուցում։ Բոլոր հողերը չէ, որ հարմար էին փորելու համար, և հարթավայրերում հոբիթներն սկսեցին վերգետնյա տներ կառուցել նույնիսկ բլրաշատ տեղերում և հին գյուղերում փայտե, աղյուսե ու քարե շինություններ հայտնվեցին։

Հոբիթստանը բաժանվում էր չորս նահանգի Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան, իսկ նահանգները՝ շրջանների, որոնց տրվում էր տեղի ամենահին ու ամենահարգված տոհմի անունը, չնայած այդ տոհմի սերունդները երբեմն բնակվում էին Հոբիթստանի բոլորովին այլ հատվածում։ Համարյա բոլոր Ճագարակներն ապրում էին Բրենդիդուիմի ձախափնյակում Բրենդիդուիմքում, բայց Պարկինսների ու Բոքոնակների հարցն այլ կերպ էր դասավորվել։

Այն ժամանակներում, երբ սկսվում է մեր պատմությունը, Հոբիթստանի չորս նահանգներն իրար հերթ չտալով լուրեր էին փոխանակում չտեսնված-չլսված գազանների ու անհասկանալի «օտարականների» մասին, որոնք վարգում էին սահմանի երկարությամբ, հաճախակի խախտելով այն։ Դա առաջին նշանն էր, որ կյանքը բոլորովին էլ այնպես չէր ընթանում, ինչպես հարկավոր էր, ինչպես եղել էր միշտ՝ չէ՞ որ վաղուց մոռացված եղելությունների մասին աղոտ հիշեցնում էին միայն ամենահին ավանդապատումները։ Այն ժամանակ դեռ ոչ ոք չէր հասկանում, թե բանն ինչ է, նույնիսկ Բիլբոն ինքը։ Վաթսուն տարի էր անցել այն օրից, ինչ վերադարձել էր իր հիշարժան ճանապարհորդությունից։ Նա արդեն ծեր էր, նույնիսկ հոբիթական հաշվումներով, չնայած նրանց մոտ մինչև հարյուր տարի ապրելը սովորական երևույթ էր, բայց նրա բերած գանձերը, դատելով ըստ ամենայնի, չէին սպառվում։ Շա՞տ էր մնացել այդ հարստությունից, թե քիչ, նա այդ գաղտնիքը ոչ ոքի չէր բացում, նույնիսկ սիրելի զարմիկ Ֆրոդոյին։ Եվ Մատանու մասին նույնպես խոսք անդամ չկար։

... Ինչպես և պատմված Է «Հոբիթ» գրքում, մի անգամ Բիլբոյի մոտ Է գալիս մեծ հրաշագործ Գանդալֆ Մոխրագույնը, իսկ նրա հետ տասներեք թզուկ՝ արտաքսյալ թագավոր Թորին Կաղնեվահանը և նրա տասներկու ընկերակիցները։ 1341 թվականի ապրիլյան մի առավոտ Բիլբոն, ի մեծ զարմանս իրեն, հանկարծ Հոբիթստանից ճանապարհ է ընկնում հեռու Արևելք թզուկներին վերադարձնելու նրանց անհամար գանձերը, որ հարյուրամյակների ընթացքում կուտակվել էին Սարամիջի թագավորությունում։ Հաջողությունն ուղեկցում է նրանց, և կարողանում են ազատվել գանձը պահպանող վիշապից։ Գործի ելքը որոշում է Հինգ Զորաց ճակատամարտը, որտեղ զոհվում Է Թորինը և բազում քաջագործություններ են կատարվում։ Սակայն Երրորդ դարաշրջանի երկարաշունչ տարեգրությունը այդ մասին կհիշատակեր ընդամենը մեկ կամ ծայրահեղ դեպքում երկու տողով, եթե չլիներ կարծես թե պատահական մի իրադարձություն, որ տեղի ունեցավ ճանապարհին։

Մշուշապատ լեռներում է Խլուտ տանող ճանապարհին ճամփորդների վրա են հարձակվում օրքերը. Բիլբոն յուրայիններից հետ է մնում և կորչում լեռան ընդերքի խորշերի լաբիրինթոսում։ Սողալով ու շոշափելով առաջ շարժվելիս, ինչ-որ մատանի է ընկնում նրա ձեռքի տակ, և նա, առանց երկար ու բարակ մտածելու, գտածը դնում է գրպանը։

Ապարդյուն որոնելով ելքը, նա հասնում է լեռան խորքում գտնվող մի սառնորակ լճի ափ, որի կենտրոնում, քարե կղզու վրա, անթափանցելի խավարում, ապրում էր Գորլումը՝ սպիտակավուն, առկայծող աչքերով մի նողկալի արարած։ Նա լողում էր մակույկով, թիավարելով տափակ ոտնաթաթերով, կույր ձկներ էր բռնում որ երկար, ճանկավոր մատներով ու հում֊հում ուտում։ Նա ուտում էր ամեն տեսակ մանր ու մեծ կենդանիներ, նույնիսկ օրքերին, եթե հաջողվում էր նրանցից որևէ մեկին բռնել ու խեղդել։ Գորլումը մի խորհրդավոր գանձ ուներ, որ նրան էր հասել շատ վաղուց, երբ դեռևս ապրում էր վերևում, ցերեկային լույսի մեջ։ Դա կախարդական ոսկե մատանի էր, որն անտեսանելի էր դարձնում։ Գորլումը սիրում էր այն ու անվանում «Իմ սքանչելի» և խոսում էր հետը նույնիսկ այն ժամանակ, երբ հագած չէր լինում, իսկ հագնում էր օրք որսալու համար։ Նա անմիջապես կհարձակվեր Բիլբոյի վրա, բայց մատանին կղզում էր, իսկ հոբիթն էլֆական դաշույն ուներ ձեռքին։ Ժամանակ շահելու համար Գորլումն առաջարկում է հանելուկներ լուծել, եթե Բիլբոն պատասխանը չգտնի, ապա ինքը կուտի նրան, հակառակ դեպքում լույս աշխարհ դուրս կբերի։

Բիլբոն համաձայնում է և հաղթում, չնայած նրան փրկում է ոչ թե հնարամտությունը, այլ պատահականությունը, նա հապաղում է դժվար հանելուկը լուծելիս, հանկարծ գրպանում շոշափում է մոռացված մատանին ու շփոթված բացականչում՝ «Ինչ կա իմ գրպանում»։ Գորլումը երեք անգամ սխալվում է։ Վեճեր կան թե կարելի՞ է այդ հարցը հանելուկ համարել։ Սակայն բոլորը համաձայնում են, որ եթե Գորլումը հանձն էր առել, ապա պարտավոր էր պատասխանել։ Հենց դա էլ նրանից պահանջում էր Բիլբոն, կասկածելով, որ լպրծուն արարածը կխաբի, թեպետ նման պայմանադրությունը հնուց ի վեր սրբություն է համարվում։ Մենության ու խավարի մեջ Գորլումի հոգին սևացել էր, և պայմանազանցությունը նրա համար ոչինչ չարժեր։ Սոված ու զայրացած նա մտածում է. «Մի՞թե ինքը՝ «սքանչելիի» տերը, պետք է վախենա ինչ-որ զենքից՛ ու լողում է դեպի կղզյակ։ Բայց մատանին կղզյակում չէր, անհետացել էր։ Գորլումի աղիողորմ գոռոցից ԲիլԲոն սարսռում է, չնայած սկզբում չի հասկանում, թե ինչ է պատահել։ Իսկ Գորլումը ուշացած, բայց կռահում է, թե «Ինչ կա նրա գրպանում»։ Կատաղորեն շտապում է հետ, որ հոբիթին սպանի և մատանին վերցնի։ Հոբիթը վտանգն զգալով փախչում է և նորից նրան փրկում է պատահականությունը՝ մատանին գրպանում մտնում է մատը։ Գորլումն անցնում է նրա կողքով ու չի տեսնում։ Բիլբոն գնում է նրա հետևից ու «սքանչելիին» ուղղված աղերսանքից ամեն ինչ հասկանում, կախարդական մատանիով նա կարող էր փրկվել և օրքերից, և Գորլումից։

Նրանք կանգ են առնում մի սողանցքի առջև, որտեղից նեղ անցում էր ձգվում դեպի ստորին դարպասը։ Այստեղ Գորլումը դարան է մանում։ Բիլբոն ուզում է խոցել նրան դաշույնով, բայց խղճում է, և, ցատկելով նրա վրայով, միջանցքով վազում է դեպի ելքը։ Սրա հետևից լսվում է գոռոցը, «Գո՜ղ, գո՛ղ... թ՛ալանչի՛,.. Հավետ ատելի Պարկինս․․․»։

Հե տաքրքիր է, որ իր ուղեկիցներին Բիլբոն սկզբում այդ ամենը քիչ այլ կերպ պատմեց, իբր Գորլումը նրան «նվեր» է խոստացել, եթե նա խաղում հաղթի, բայց երբ լողալով գնացեք է կղզյակը, որ վերցնի իր ծննդյան օրը նվեր ստացած կախարդական մատանին, հայտնաբերել է, որ անհետացել է։ Բիլբոն գլխի է ընկել, որ իր գտածը հենց այդ մատանին է, բայց քանի որ ինքը խաղը շահել է, ուրեմն, մատանին իրեն է պատկանում։ Եվ քանի որ ինքը պետք է դուրս գար այդտեղից, լռել է մատանու մասին ու ստիպել է Գորլումին, որ խոստացված «նվերի» փոխարեն ճանապարհը ցույց տա իրեն։ Նա այդպես էլ գրել է իր հուշերում և իր ձեռքով ոչ մի բառ չի փոխել նույնիսկ Էլրոնդի մոտ կայացած Խորհրդից հետո։ Պետք է, որ այդ տեսքով էլ նրա պատմությունը մտած լինի Ալ Գրքի բնագրի, դրանից որոշ արտագրությունների ու մեջբերումների մեջ։ Ուրիշ արտադրություններում, սակայն, բերվում է իսկական պատմությունը (հորինվածի կողքին), այն որոշակիորեն կազմված է Ֆրոդոյի կամ Սամի ծանոթագրություններով՝ երկուսն էլ գիտեին, ինչպես է եղել իրականում, բայց, հավանաբար, չեն ցանկացել ուղղել ծեր հոբիթի ձեռագիրը։ Իսկ Գանդալֆր հենց սկզբից էլ չէր հավատացել Բիլբոյի պատմությանը և շատ խիստ հետաքրքրվում էր մատանիով։ Նա Բիլբոյին հոգեհան էր անում իր հարցաքննություններով և աստիճանաբար ճշմարտությունը դուրս քաշեց նրանից։ Ընդ որում շփոթեցնում ու զգոնության էր մղում այն, որ հոբիթը հանկարծ սկսեց ստել. դա նրան նման չէր։ «Նվերի» մասին էլ ինքը չէր հնարել։ Հետագայում Բիլբոն խոստովանեց, որ այդ միտքն իր մոտ առաջացել է Գորլումի մրթմրթոցները լսելուց հետո, որը մատանին անվանում էր «իր ծննդյան օրվա նվեր»։ Բայց ճշմարտությունը դեռևս երկար տարիներ անհայտ մնաց նրան։ Թե դա ինչ ճշմարտություն էր, կիմանաք մեր վիպակից։

Բիլբոյի հետագա արկածները նկարագրելու կարիք չկա։ Նա անտեսանելի դարձած, դարպասից դուրս եկավ օրքերի պահակների կողքով ու հասավ իր ուղեկիցներին, իսկ հետո մատանու օգնությամբ շատ անգամ փրկեց իր բարեկամ թզուկներին, բայց որքան հնարավոր էր գաղտնի էր պահում մատանին։ Տանը մատանիով չէր պարծենում, և այդ մասին գիտեն միայն Գանդալֆն ու Ֆրոդոն և ուրիշ ոչ ոք, ողջ Հոբիթստանում, համենայնդեպս այդպես էր կարծում Բիլբոն։ Միայն Ֆրոդոյին էր ցույց տվել նոր սկսած «Գնալն ու գալը» գրքի գլուխները։

Իր թուրը, որին «Ջարդող» անունն էր տվել, Բիլբոն կախեց բուխարիկի վեբևում, կախարդական օղազրահը, որը թզուկները նրան նվիրել էին վիշապի գանձերից, փոշոտ ընկած էր խորդանոցում, շատ բան տեսած ճամփորդական կնգուղավոր թիկնոցը կախված էր պահարանում, բայց մատանին միշտ մոտն էր՝ գրպանում, շղթայից կապված։

Նա տուն վերադարձավ իր կյանքի 52֊րդ տարում, հոբիթական թվարկության 1342 թ. հունիսի 22֊ին։ Հոբիթստանում ամեն ինչ գնում էր իր սովորական ճանապարհով, մինչև այն օրը, երբ Բիլբո Պարկինսն սկսեց պատրաստվել նշելու իր 111 ֊ամյակը (1401 թ․)։ Այստեղից էլ սկիզբ է առնում մերվիպակը։