Պահմտոցի

Գրապահարան-ից
22:44, 4 Նոյեմբերի 2015 տարբերակ, Չգիտեմ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Պահմտոցի

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ
թարգմանիչ՝ Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոռացված ծննդյան օրը»

Մի անգամ Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ։

Նա թաքնվեց մերթ տների ետեւում, մերթ ծխնելույզների ետեւում, եւ շունչը պահած, այնքան նստեց, մինչեւ Լուսինն անշտապ ու գողունի մոտեցավ ու գտավ նրան։

Երբեմն էլ Մութը դեսուդեն էր նետվում, նախքան կկարողանար թաքնվել ճանապարհն անցնող կատվի կամ շան ետեւում։ Եվ, ընդհանրապես, նա կարողանում էր ճարպկորեն թաքնվել Լուսնից։

Բայց մեկ էլ Արեւը ծագեց ու փոխվեց ամեն ինչ։

— Այ, հիմա կստանաս,— ասաց Լուսինը։— Տեսնենք, թե Արեւի՞ց որտեղ կթաքնվես։

— Երեխաների ետեւում,— երբ նրանք դպրոց գնան,— պատասխանեց Մութը։— Ես կդառնամ նրանց ստվեցը։

— Ինչ խոսք, որ խելոք ես մտածել,— ասաց Լուսինը։— Բայց երբ երեխաները մտնեն դպրոց, այդ դեպքում ո՞ւր կթաքնվես։ Հիմարիկ, ես քեզ լավ խորհուրդ կտամ․ թաքնվիր Երկրի մյուս կողմում, այլապես Արեւն անմիջապես կգտնի քեզ։

— Չի գտնի,— պատասխանեց Մութը։— Սպասիր ինքդ կտեսնես, որ չի գտնի։

Բայց Արեւն ավելի ու ավելի բարձրացավ երկնակամարի վրա, Մութն այնուամենայնիվ նահանջեց դեպի Երկրի մյուս կողմը ու այնտեղ գիշեր եղավ։ Իսկ այս կողմում Արեւի հետ պահմտոցի խաղալու համար մնացին միայն մի քանի փոքրիկ մուգ շերտեր։

Այդ շերտերը շատ ուրախ էին, վազում էին մարդկանց ետեւից, վազում էին նույնիսկ կովերի ետեւից, իսկ մի քանիսը դարձան թռչունների ստվերներ եւ նրանց հետ թռչում էին մարգագետիններով։ Բայց ի վերջո, Արեւը նրանց բոլորին էլ գտավ, ու մնաց միայն մի մուգ շերտ։

— Քեզ էլ կբռնեմ,— ասաց Արեւը։— Որտեղ էլ թաքնվես՝ կբռնեմ։

— Չես կարող,— ասաց մուգ շերտը։— Ես այնպիսի տեղ գիտեմ, ուր ինձ երբեք չես գտնի։ Աչքերդ փակիր ու հաշվիր մինչեւ տասը, իսկ ես կթաքնվեմ։

Արեւն անցավ թուխպի ետեւը եւ հաշվեց մինչեւ տասը։ Հետո նորից դուրս եկավ։

— Հավանաբար, թաքնվել է մեկնումեկի ետեւում ու դարձել նրա ստվերը,— մտածեց Արեւը։

Եվ Արեւը լուսավորեց բոլոր անկյունները, խորշերը, բայց Մութը կորել էր ու կորել։ Մի օր էլ լուսավորեց, հաջորդ օրը լուսավորեց Մութին գտնելու համար, բայց այնպես էլ չգտավ ու չէր էլ կարող գտնել, որովհետեւ Մութը հարմար տեղ էր թաքնվել՝ սանդուղքի տակի նկուղում։

— Ի՜նչ հաճելի է այստեղ,— մտածեց Մութը։— այլեւս դուրս չեմ գա։

Ու այլեւս դուրս չեկավ։

Ահա թե ինչու՝ սանդուղքի տակ գտնվող նկուղում միշտ մութ֊մութ է։