Պարող մարդուկներ

Գրապահարան-ից
Պարող մարդուկներ

հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ
թարգմանիչ՝ Գ․ Վիրապյան
աղբյուր՝ «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին»


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Ժամեր շարունակ Շերլոկ Հոլմսը նստած էր, խոնարհված ապակյա փորձանոթի վրա, որի մեջ եփվում էր բացառիկ գարշահոտություն ունեցող ինչ֊որ բան։ Նրա գլուխը թեքված էր կրծքին, եւ ինձ թվում էր, թե նա նման է մուգ֊մոխրագույն փետուրներով ու սեւ փուփուլիկով մի տարօրինակ նիհար թռչունի։

— Այդպես, Ուոտսըն,— ասաց նա հանկարծակի,— դուք չե՞ք պատրաստվում ներդնել ձեր տնտեսումները հարավ֊աֆրիկյան արժեքավոր թղթերի մեջ։

Ես զարմանքից ցնցվեցի։ Որքան էլ ընտելացած էի Հոլմսի արտասովոր ունակություններին, այնուամենայնիվ, այդ հանկարծակի ներխուժումը իմ ամենագաղտնի մտքերի մեջ միանգամայն անբացատրելի էր։

― Սատանան տանի, այդ ինչպե՞ս իմացաք, ― հարցրի ես։

Ձեռքին բռնած ծխացող փորձանոթը, նա շրջվեց աթոռի վրա, և նրա խոր ակնաբներում գտնվող աչքերը փայլատակեցին։

― Խոստովանեք, Ուոտսըն, որ դուք մոլորված եք, ― ասաց նա։

― Խոստովանում եմ։

― Լավ կլիներ ստիպեի ձեզ այդ մասին գրեիք թղթի մի թերթի վրա և ստորագրեիք։

― Ինչո՞ւ։

― Որովհետև հինգ րոպեից հետո դուք կասեք, այդ ամենը չափազանց հեշտ էր։

― Համոզված եմ, որ երբեք այդ չեմ ասի։

― Գիտեք ինչ կա, սիրելի Ուոտսըն․․․ ― Նա շտատիվի վրա ամրացրեց փորձանոթն ու լսարանին դիմող պրոֆեսորի տեսքով սկսեց ինձ դասախոսություն կարդալ։ ― Այնքան էլ դժվար չէ կառուցել եզրակացությունների մի ամբողջ սերիա, որի մեջ յուրաքանչյուր հաջորդողը ամենահասարակ կերպով բխում է նախընթացից։ Եթե դրանից հետո հեռացնել միջին բոլոր օղակները և հաղորդել լսողին միայն առաջին օղակը և վերջինը, նրանք կառաջացնեն շշմեցուցիչ, թեև կեղծ տպավորություն։ Այն բանից հետո, երբ ես նկատեցի ձեր ձախ ձեռքի բթի և ցուցամատի միջև ընկած փոսիկը, ինձ համար ամենևին էլ դժվար չէր եզրակացնել, որ դուք չեք պատրաստվում ներդնել ձեր ոչ մեծ կապիտալը ոսկեբեր հողաշերտերի մեջ։

― Բայց ես ոչ մի կապ չեմ տեսնում այդ երկու հանգամանքների միջև։

― Սիրով հավատում եմ։ Այնուամենայնիվ, ես ձեզ մի քանի րոպեի ընթացքում կապացուցեմ, որ այդպիսի կապ գոյություն ունի։ Ահա այդ միանգամայն հասարակ շղթայի բաց թողած օղակները․ առաջինը, երբ երեկ երեկոյան մենք վերադարձանք ակումբից, ձեր ձախ ձեռքի բութ և ցուցամատի միջև ընկած փոսիկին կավիճ էր քսված․ երկրորդը, ամեն անգամ, երբ բիլիարդ եք խաղում, դուք այդ փոսիկին կավիճ եք քսում, որպեսզի կիյը ձեր ձեռքից չսահի․ երրորդը․ դուք բիլիարդ խաղում եք միայն Սերստընի հետ․ չորրորդը, մի ամիս սրանից առաջ դուք ինձ ասացիք, որ Սերստընը ձեզ առաջարկեց իր հետ միասին ձեռք բերել հարավաֆրիկյան արժեքավոր թղթեր, որոնք վաճառքի կհանվեն մի ամիս հետո․ հինգերորդը, ձեր չեկային գրքույկը փակված է իմ գրասեղանի արկղում, և դուք ինձանից բանալին չխդնրեցիք․ վեցերորդը, դուք չեք պատրաստվում ձեր դրամները ներդնել հարավաֆրիկյան թղթերի մեջ։

― Ինչքա՜ն հասարակ բան է, ― բացականչեցի ես։

― Իհարկե, ― ասաց նա, թեթևակի խոցված, ― ամեն մի խնդիր էլ շատ հեշտ է թվում, երբ ձեզ բացատրում են։ Բայց ահա և ձեզ դեռ չլուծված մի խնդիր։ Տեսնենք, սիրելի Ուոտսըն, ձեզ ինչպես կհաջողվի այն հաղթահարել։

Նա սեղանի վրայից վերցրեց թղթի մի թերթ, տվեց ինձ և վերադարձավ իր քիմիական անալիզին։

Ես զարմանքով տեսա, որ թղթի այդ թերթիկի վրա գծագրված են ինչ֊որ անմիտ հիերոգլիֆներ։

― Թույլ տվեք, Հոլմս, սա երեխայի նկարած բան է, ― բացականչեցի ես։

― Ահա թե դուք ինչ կարծիքի եք։

― Իսկ ի՞նչ է այդ դեպքում։

― Նորֆոլկում գտնվող Ռիլդինգ֊Տորպ֊Մենտրից միստր Հիլտոն Կյուբիտտն էլ հենց կուզեր իմանալ, թե դա ինչ է։ Այդ փոքրիկ ռեբուսը նա մեզ ուղարկել է առաջին փոստով, իսկ ինքը մեկնել է մեզ մոտ այժմ ժամանող գնացքով։ Լսո՞ւմ եք զանգի ձայնը, Ուոտսըն։ Դա, հավանական է նա է։

Սանդուղքների վրա լսվեցին ծանրաքայլ ոտնաձայներ, և մի րոպեից հետո ներս մտավ բարձրահասակ, վառվռուն դեմքով մաքուր սափրված մի ջենտլմեն։ Նրա պայծառ աչքերից և ծաղկափթիթ այտերից անմիջապես երևաց, որ այդ մարդու կյանքը ընթացել է Բեյքր֊ստրիտի մառախուղներից հեռու։ Թվում էր, թե նա արևելյան ափից իր հետ բերեց թարմ և ուժեղ քամու շունչը։ Սեղմելով մեր ձեռքերը, նա արդեն պատրաստվում էր նստել, երբ հանկարծ հայացքն ընկավ զվարճալի նշաններով թերթիկին, որը ես հենց նոր էի զզնել ու թողել սեղանի վրա։

― Ի՞նչ կարծիքի եք դրա մասին, միստր Հոլմս, ― բացականչեց նա։ ― Ինձ պատմել են, որ դուք տարբեր տեսակի խորհրդավոր դեպքերի մեծ սիրահար եք, և ես որոշեցի, որ դրանից առավել տարօրինակ ոչինչ չեք գտնի։ Ես ձեզ նախապես ուղարկեցի այդ թուղթը, որպեսզի դուք ժամանակ ունենայիք ուսումնասիրելու մինչև իմ գալը։

― Դա իսկապես վերին աստիճանի հետաքրքիր նկար է, ― ասաց Հոլմսը։ ― Առաջին հայացքից կարելի է մանկական չարաճճի խզբզանքի տեղ դնել։ Թվում է, թե բացի երեխաներից, էլ ո՞վ կարող էր նկարել այդ փոքրիկ պարող մարդուկներին։ Այդ տարօրինակ դատարկ բանին ինչո՞ւ եք այդքան կարևոր նշանակություն տվել։

― Ես դրան ոչ մի կարևորություն չէի տա, եթե կինս չլիներ։ Նա մահու չափ վախեցել է։ Չնայած ինձ ոչինչ չի ասում, բայց ես տեսնում եմ, թե ինչքան սարսափ կա նրա աչքերում։ Ահա թե ինչու այդքան մոտ ընդունեցի սրտիս։

Հոլմսը վեր բարձրացրեց թուղթը, և արևի ճառագայթները լուսավորեցին այն։ Դա հուշատետրից պոկած մի թերթիկ էր։ Նրա վրա մատիտով գծագրված էին ահա այսպիսի կերպարանքներ․



Ուշադրությամբ դիտելով թերթիկը, Հոլմսը խնամքով ծալեց այն և թաքցրեց թղթապանակի մեջ։

― Այս գործը խոստանում է շատ հետաքրքրաշարժ և արտասովոր լինել, ― ասաց նա։ ― Դուք արդեն որոշ բաներ ինձ պատմել եք ձեր նամակում, միստր Հիլտոն Կյուբիտտ, բայց ես ձեզ շատ երախտապարտ կլինեի, եթե դուք սիրով համաձայնեիք կրկնել ձեր պատմվածքը, որպեսզի հնարավորություն տայիք իմ բարեկամին՝ դոկտոր Ուոտսընին լսլեու այն։

― Ես վատ պատմող եմ, ― ասաց մեր հյուրը, ներվայնացած սեղմելով ու բացելով իր մեծ, ուժեղ ձեռքերը։ ― Եթե իմ պատմվածքում որևէ բան ձեզ համար պարզ չլինի, խնդրում եմ, հարցեր տաք։ Կսկսեմ այն բանից, որ անցյալ տարի ես ամուսնացա․․․ Բայց նախապես պետք է ասեմ, որ թեև ես հարուստ մարդ չեմ, մեր տոհմը արդեն հինգ հարյուր տարիների ընթացքում ապրում է Ռիդլինգ֊Տորպում և ամբողջ Նորֆոլկի կոմսությունում համարվում է ամենահայտնին։ Անցյալ տարի, տոների պատճառով ես եկա Լոնդոն և իջևանեցի Ռեսել֊սկվերի մոտ գտնվող կահավորված սենյակներում, որովհետև այստեղ էր իջևանել Պարկերը՝ մեր ծխի քահանան։ Այդտեղ ապրում էր ամերիկացի մի երիտասարդ լեդի՝ Պատրիկ ազգանունով, Իլսի Պատրիկ։ Շուտով նրա հետ բարեկամացանք։ Մի ամիս էլ չէր անցել, երբ ես սկսեցի սիրել նրան ամենաբուռն սիրով։

Մենք առանց աղմուկի պսակվեցինք և գնացինք ինձ մոտ՝ Նորֆոլկ։

Ձեզ, հավանական է, տարօրինակ է թվում, միստր Հոլմս, որ վաղեմի լավ ծագում ունեցող տոհմի մարդը ամուսնանում է մի կնոջ հետ, որի անցյալի և ընտանիքի մասին ոչինչ չգիտե։ Բայց եթե դուք նրան տեսնեիք ու ճանաչեիք, ձեզ համար դժվար չէր լինի ինձ հասկանալ։ Նա շատ պարզասրտորեն էր վարվում ինձ հետ, իմ Իլսին, նա ինձ լրիվ հնարավորություն էր տվել հրաժարվել հարսանիքից, եթե ես այդ ցանկանայի։ «Ես իմ անցյալ կյանքի ընթացքում շատ վտանգավոր ծանոթություններ եմ ունեցել, ― ասում էր նա, ― և ուզում եմ մոռանալ նրանց։ Չեմ ցանկանում վերադառնալ իմ անցյալին, որովհետև յուրաքանչյուր մի հուշ ինձ ցավ է պատճառում։ Եթե դու ինձ հետ ամուսնանաս, Հիլտոն, դու կամուսնանաս մի կնոջ հետ, որը ոչինչ ամոթալի չի գործել, բայց պետք է հավատաս իմ խոսքին և թույլ չտաս լսել այն ամենի մասին, ինչ եղել է ինձ հետ քո կինը դառնալուց առաջ։ Եթե այդ պայմանը քեզ չափազանց ծանր է թվում, վերադարձիր Նորֆոլկ և թող որ շարունակեմ այն միայնակ կյանքը, որը վարում էի մինչև քեզ հետ հանդիպումը»։

Նա այդ ինձ ասաց հարսանիքից մի օր առաջ։ Ես պատասխանեցի, որ պատրաստ եմ ենթարկվել նրա ցանկությանը, և խոսքս կատարեցի։ Այժմ մենք արդեն մի տարի է, ինչ ամուսնացած ենք և այդ տարին անց ենք կացրել շատ երջանիկ։ Բայց մի ամիս առաջ, հունիսի վերջին, ես նկատեցի վերահաս աղետի նշանները։ Իմ կինը ամերիկայից նամակ ստացավ․ ծրարի վրա ամերիկյան դրոշմանիշ էր։ Նա մեռելի պես գունատվեց, կարդաց նամակը և նետեց կրակը։ Կինս այդ մասին ոչ մի անգամ չհիշեց, ես նույնպես ոչինչ չհարցրի, քանի որ խոստումը խոստում է։ Բայց այդ ժամից ի վեր նա ոչ մի վայրկյան իրեն հանգիստ չէր զգում։ Այժմ նրա դեմքը միշտ սարսափած է, և ամեն ինչից երևում է, որ նա ինչ֊որ բան է սպասում։

Հիմա ես կանցնեմ իմ պատմության ամենատարօրինակ մասին։ Մոտավորապես մի շաբաթ առաջ, կարծեմ, երկուշաբթի օրը, ես լուսամուտագոգերից մեկում տեսա պարող մարդուկների, որոնք իսկ և իսկ այդ թերթիկի վրա նկարածների նման էին։ Նրանք խզբզած էին կավճով։ Ես կարծեցի, թե նրանց նկարել է ախոռում աշխատող տղան, բայց նա երդվեց, որ ոչինչ այդ մասին չգիտի։ Նրանք հայտնվեցին գիշերը։ Ես լվացի դրանք և պատահականորեն հիշատակեցի նրանց մասին Իլսիի հետ խոսելու ժամանակ։ Ի զարմանս իմ, նա խոսքերս սրտին մոտ ընդունեց և խնդրեց ինձ, որ եթե ես դարձյալ նկատեմ այդպիսի մարդուկներ, թողնեմ, որ նա տեսնի։ Մի ամբողջ շաբաթ նրանք չէին հայտնվում, բայց երեկ առավոտյան ես պարտեզում, արևի ժամացույցի վրա, գտա այս թերթիկը։ Ես ցույց տվի Իլսիին, և նա վայրկյանապես կորցրեց գիտակցությունը։ Այդ պահից ի վեր նա ապրում է ինչպես երազում, և աչքերը անընդհատ լի են սարսափով։ Ահա թե ինչու ես գրեցի ձեզ այդ նամակը, միստր Հոլմս, և ուղարկեցի այդ թերթիկը։ Ես չէի կարող դիմել ոստիկանություն, որովհետև այնտեղ անպայման կսկսեին ծիծաղել ինձ վրա, իսկ դուք կասեք, թե ինչ անեմ։ Ես հարուստ չեմ, բայց եթե իմ կնոջը վտանգ է սպառնում, պատրաստ եմ ծախսել վերջին կոպեկը նրան պաշտպանելու համար։

Հիանալի մարդ էր այդ անկեղծ, երկնագույն, խոշոր աչքերով հսկան։ Նրա դեմքն ամբողջությամբ արտահայտում էր սեր և նվիրվածություն դեպի իր կինը։ Հոլմսը խոր ուշադրությամբ լսեց նրա պատմությունը, իսկ հետո խորասուզվեց մտքերի մեջ և երկար ժամանակ լռեց։

― Արդյոք չե՞ք կարծում, միստր Կյուբիտտ, ― վերջապես ասաց նա, ― որ ամենալավը կլիներ, եթե դուք ուղղակի դիմեիք ձեր կնոջը և խնդրեիք նրան բաժանել ձեզ հետ իր գաղտնիքը։

Հիլտոն Կյուբիտտը օրորեց իր մեծ գլուխը․

― Խոստումը՝ խոստում է, միստր Հոլմս։ Եթե Իլսին ցանկանա, նա ինքն ինձ կասի ամենը։ Իսկ եթե նա այդ չցանկանա, ես զոռով նրանից խոստովանություն չեմ պահանջի։ Բայց ես իրավունք ունեմ ամեն ինչ իմանալու և այդ իրավունքը օգտագործում եմ։

― Այդ դեպքում ես ամբողջ սրտով կօգնեմ ձեզ։ Ասացեք, դուք որևէ նոր եկող հարևաններ չե՞ք ունեցել։

― Ո՛չ։

― Որքան ես հասկանում եմ, դուք ապրում եք շատ խուլ ծայրամասում։ Ամեն մի նոր մարդու հայտնվելը, հավանական է, չի կարող աննկատ մնալ։

― Եթե նոր մարդը հայտնվեր որպես ամենամոտիկ հարևան, ես, հարկավ, նրա մասին կլսեի։ Բայց մեզանից ոչ հեռու կան մի քանի առափնյա գյուղակներ, որոնք գեղեցիկ լողավայրեր ունեն, և ֆերմերները իրենց սենյակները վարձով են տալիս ամառանոց եկածներին։

― Այդ տարօրինակ նկարներում անվիճելիորեն ինչ֊որ միտք կա։ Բայց ձեր ուղարկած մակագրությունը այնքան կարճ է, որ ես ոչինչ անել չեմ կարող, և փաստերն էլ, որոնք մեզ պատմեցիք, այնքան անորոշ են, որ դժվար է նրանցից հանել որևէ եզրակացություն։ Իմ կարծիքով, ձեզ անհրաժեշտ է վերադառնալ Նորֆոլկ և ուշադրությամբ հետևել ձեր շուրջը կատարվող ամեն ինչին։ Հենց որ որևէ տեղ նկատեք նոր պարող մարդուկների, դուք պետք է ուշի֊ուշով արտանկարեք նրանց։ Ափսոսում եմ, որ այդպես չեք վարվել ձեր լուսամուտի գոգին կավճով նկարված մարդուկների հետ։ Տեղեկություններ հավաքեք ձեր շրջակայքում հայտնվող բոլոր անծանոթ մարդկանց մասին։ Հենց որ նկատեք որևէ նոր բան, անմիջապես եկեք ինձ մոտ։ Ահա այն ամենալավ խորհուրդը, որ ես կարող եմ ձեզ տալ, միստր Հիլտոն Կյուբերտտ։ Եթե կարիք լինի, ես միշտ էլ պատրաստ եմ մեկնելու և այցելելու ձեր նորֆոլկյան տունը։

Այդ տեսակցությունից հետո, Շերլոկ Հոլմսը հաճախ էր խորասուզվում մտքերի մեջ։ Ես հաճախ էի տեսնում, թե նա ինչպես թղթապանակից դուրս է հանում թերթիկը և երկար զննում նրա վրա նկարած զվարճալի փոքրիկ ֆիգուրները։ Այնուամենայնիվ, երկու շաբաթից հետո միայն նա դարձյալ սկսեց խոսել ինձ հետ այդ պատմության մասին։ Երբ ես պատրաստվում էի գնալ, նա հանկարծ ինձ կանգնեցրեց․

― Ավելի լավ կլինի, որ դուք տանը մնաք, Ուոտսըն։

― Ինչո՞ւ։

― Որովհետև այսօր առավոտյան ես հեռագիր եմ ստացել Հիլտոն Կյուբիտտից։ Հիշո՞ւմ եք Հիլտոն Կյուբիտտին և նրա պարող մարդուկներին։ Նա Լոնդոն է գալու մեկն անց քսանին։ Ամեն րոպե կարող է լինել այստեղ։ Հեռագրից հասկացա, որ չափազանց կարևոր նորություններ ունի։

Մենք երկար չսպասեցինք նրան, քանի որ մեր նորֆոլկյան սկվայրը,[1] կայարանից ուղղակի սլացել էր մեզ մոտ։ Նա մտահոգ էր և վհատ։ Խոնջացած աչքերով նայեց մեզ, կնճիռներն ակոսել էին նրա ճակատը։

― Այդ պատմությունը ազդում է իմ ջղերի վրա, միստր Հոլմս, ― ասաց նա, թուլացած ընկնելով բազկաթոռին։ ― Զզվելի բան է զգալ, որ դու բոլոր կողմերից շրջապատված ես ինչ֊որ անհայտ, աննկատ մարդկանցով, որոնք աշխատում են քեզ գցել փորձանքի մեջ, բայց առավել անտանելին այն է, երբ ընդսմին տեսնում ես, թե ինչպես են օրեցօր աստիճանաբար սպանում քո կնոջը։ Իմ աչքերի առաջ նա հալումաշ է լինում։

― Նա ձեզ գոնե մի բան ասա՞ց։

― Ոչ, միստր Հոլմս, ոչինչ չասաց։ Լինում են րոպեներ, երբ խեղճը, տեսնում եմ, շատ է ուզում ամեն ինչ պատմել, բայց վճռականություն չի ունենում։ Փորձում էի օգնել, բայց դա այնքան վատ էր ստացվում, որ միայն վախ էի պատճառում նրան։ Նա հաճախ է խոսում ինձ հետ, թե ինչպիսի հին տոհմի ենք մենք պատկանում, թե ինչպես են մեզ ամբողջ կոմսության մեջ հարգում, թե ինչպես ենք մենք հպարտանում մեր անկեղծ պատվով, և ամեն անգամ զգում եմ, որ նա ուզում է էլի ինչ֊որ բան ավելացնել, բայց և այնպես մինչև վերջը չի ասում ու լռում է։

― Իսլ դուք ինքներդ որևէ բան հայտնաբերե՞լ եք։

― Ես շատ բան եմ հայտնաբերել, միստր Հոլմս։ Ես ձեզ համար հետազոտելու եմ բերել պարող մարդուկների մի ամբողջ կույտ։ Եվ ամենկարևորը, ես տեսա նրան․․․

― Նրա՞ն, այդ մարդուկներ նկարողի՞ն։

― Այո՛, ես տեսա նրան այդ անելիս։ Բայց թույլ տվեք ինձ ամեն ինչ հերթով պատմեմ ձեզ․․․ Վերադառնալով ձեր մոտից, ես հենց հաջորդ առավոտյան գտա նոր պարող մարդուկներ։ Նրանք նկարված էին փոքրիկ մարգագետնի մոտ գտնվող սարայի փայտե, սև դռան վրա։ Սարայը մեր տան լուսամուտներից շատ լավ երևում է։ Նրանք բոլորն էլ ես արտանկարեցի։ Ահա։

Նա հանեց թղթի մի թերթիկ, բացեց այն և դրեց սեղանին։ Ահա թե ինչպիսի հիերոգլիֆներ էին նկարած այնտեղ։



― Հրաշալի է, ― ասաց Հոլմսը։ ― Հրաշալի է։ Շարունակեք, խնդրում եմ։

― Մարդուկներն արտանկարելուց հետո, ես ջնջեցի դռան վրայից, բայց երկու օր հետո այդ նույն դռան վրա հայտնվեց նոր մակագրություն։ Ահա նա։



Հոլմսը շփեց ձեռքերը և ուրախությունից ծիծաղեց։

― Մեր նյութերը արագորեն աճում են, ― ասաց նա։

― Երեք օրից արևի ժամացույցի վրա ես հայտնաբերեցի թղթի մի գրություն, որի վրա քար էր դրված։ Ահա այն։ Ինչպես տեսնում եք, այստեղ նույն ֆիգուրիկներն են, ինչ֊որ նախորդում։ Այնժամ ես որոշեցի հետամտել այդ նկարողին։ Վերցրի ատրճանակը, և նստեցի իմ առանձնասենյակում, որի լուսամուտից երևում է և՛ փոքրիկ մարգագետինը, և՛ պարտեզը։ Գիշերվա ժամը երկուսին մոտ, նստելով լուսամուտի առաջ և նայելով լուսնի լույսով ողողված պարտեզին, ես հեռվից քայլերի ձայն լսեցի, և շրջվելով, տես կնոջս՝ տնային հագուստով։ Նա ինձ աղաչում էր անկողին մտնել։ Ես անկեղծորեն նրան ասացի, որ ուզում եմ տեսնել, թե այդ ով է զբաղվում նման հիմար գործերով։ Նա ինձ պատասխանեց, որ այդ ամենը անմիտ խաղ է, որի վրա չարժե ուշադրություն դարձնել։

«Եթե դա քեզ այդքան զայրացնում է, Հիլտոն, արի գնանք ճանապարհորդելու միայն երկուսով, ոչ ոք մեզ չի անհանգստացնի»։

«Ինչպե՜ս։ Թույլ տալ, որ ինչ֊որ մի զվարճասեր մեզ մեր սեփական տնից դուրս քշի՞, ― ասացի ես։ ― Չէ՞ որ ամբողջ կոմսությունը կծիծաղի մեզ վրա»։

«Գնա քնիր, ― ասաց նա։ ― Մենք այդ մասին կխոսենք առավոտյան»։

Հանկարծակի նրա դեմքն այնպես գունատվեց, որ ես նկատեցի այդ նույնիսկ լուսնի լույսի տակ, իսկ մատները խրվեցին ուսս։ Սարայի ստվերում ինչ֊որ բան էր շարժվում։ Ես տեսա, թե ինչպես անկյունից դուրս սողաց մի մութ, կռացած կերպարանք և նստեց դռան առաջ։ Ձեռքս գցելով ատրճանակին, նետվեցի դեպի նա, բայց կինս ջղաձգորեն ինձ գրկեց և թույլ չտվեց տեղիցս շարժվել։ Ես փորձում էի ետ հրել նրան, բայց նա ավելի ամուր էր կպչում ինձնից։ Վերջապես ինձ հաջողվեց դուրս պրծնել, բայց երբ բացեցի դուռը և վազեցի մինչև սարայը, այդ մարդն արդեն անհետացել էր։ Համենայն դեպս, նա արդեն թողել էր իր այնտեղ գտնվելու հետքերը, քանի որ դռան վրա նկարված էին պարող մարդուկներ։ Ես վազելով անցա ամբողջ պարտեզը, բայց նրան ոչ մի տեղ չգտա։ Մինչդեռ, որքան էլ այդ զարմանալի է, նա իհարկե, գտնվում էր ոչ հեռու ինչ֊որ տեղ, քանի որ, երբ առավոտյան ես նորից նայեցի սարայի դռանը, իմ մինչ այդ տեսած տողի տակ հայտնվել էին մի քանի նոր մարդուկներ։

― Դուք նրանց արտանկարեցի՞ք։

― Այո՛, նրանց թիվը այնքան էլ մեծ չէր։ Ահա նրանք։

Նա դարձյալ ցույց տվեց մեզ թղթի մի թերթիկ։ Նոր պարը այսպիսի տեսք ուներ։



― Ասացեք, ― հարցրեց Հոլմսը, և նրա աչքերից ես հասկացա, որ շատ հուզված է, ― այդ մարդուկները ավելացված էին նախընթաց մակագրությա՞նը, թե նկարված էին առանձին։

― Նրանք նկարված էին դռան ներքևի պանելի վրա։

― Հրաշալի է։ Այդ մեզ համար ամենակարևորն է։ Դա ինձ հուսադրում է։ Խնդրո՛ւմ եմ ձեզ, միստր Հիլտոն Կյուբիտտ, շարունակեցեք ձեր հետաքրքիր պատմությունը։

― Ես ավելացնելու ոչինչ չունեմ, միստր Հոլմս, բացի նրանից, որ շատ զայրացա կնոջս վրա, քանի որ նա խանգարեց ինձ բռնել այդ թաքնվող սրիկային։ Կինս հավատացնում էր, որ վախեցել է իմ կյանքի համար։ Սկզբից իմ մեջ կասկածանք առաջացավ, թե նա վախեցել է ոչ թե իմ կյանքի համար, այլ նրա, որովհետև համոզված էի, որ կնոջս հայտնի է այդ մարդու ով լինելը և այն, թե ինչ են նշանակում այդ տարօրինակ ազդանշանները։ Բայց իմ կնոջ ձայնն ու հայացքը, միստր Հոլմս, օժտված են ամեն տեսակի կասկածներ ցրելու հատկությամբ, և այժմ ես արդեն չեմ կասկածում, որ նա իրոք վախենում էր իմ կյանքի համար․․․ Ահա այն ամենը, ինչ կատարվել է։ Իսկ այժմ սպասում եմ ձեր պատասխանին, ինչպե՞ս վարվել սրանից հետո։ Ինձ անվերջ մի բան է զբաղեցնում․ ուզում եմ թփուտների մեջ թաքցնել մի հինգ֊վեց հոգի մեր գյուղական կտրիճ տղաներից։ Նրանք այդ մարդուն այնպիսի դաս կտային, որ նա մեկ ընդմիշտ էլ մեզ չէր անհանգստացնի։

― Ես վախենում եմ, որ հնարավոր չլինի այդպիսի բարդ երևույթը բուժել այդքան հասարակ դեղերով, ― ասաց Հոլմսը։ ― Որքա՞ն ժամանակ դուք կարող եք մնալ Լոնդոնում։

― Ես պետք է այսօր ևեթ վերադառնամ։ Չեմ կարող գիշերը կնոջս մենակության մեջ թողնել։ Նա շատ էր ջղայնանում և խնդրեց, որքան կարելի է շուտ վերադառնալ։

― Թերևս դուք իրավացի եք։ Բայց եթե դուք կարողանայիք մնալ, ես մեկ կամ երկու օրից հետո ինքս ձեզ հետ միասին կգայի։ Համենայն դեպս, այդ թղթերը թողեք այստեղ։ Շուտով ես կգամ ձեզ մոտ և, ամենայն հավանականությամբ, որոշ պարզություն կմտցնեմ այդ գործի մեջ։

Շերլոկ Հոլմսը իրեն պահում էր իր սովորական պրոֆեսիոնալ հանգստությամբ, բայց ես, որ այնքան լավ էի ճանաչում նրան, տեսա, թե ինչպիսի խոր հուզմունք է ապրում նա։ Հազիվ էր Հիլտոն Կյուբիտտի լայն թիկունքը անհետացել դռան հետևում, երբ իմ բարեկամը նետվեց դեպի սեղանը, փռեց իր առաջ պարող մարդուկներով թղթերը և խորասուզվեց հաշվումների մեջ։ Երկու ժամ անընդհատ նա էջը էջի հետևից ծածկում էր թվերով ու տառերով։ Այդ աշխատանքը այնպես կլանեց նրան, որ նա, ըստ երևույթին, մոռացավ իմ գոյությունը։ Երբ գործը ընդանում էր հաջողակ, նա սկսում էր երգել ու սուլել, իսկ երբ կանգնում էր փակուղու առաջ, երկար նստում էր մռայլված ճակատով ու մոլոր հայացքով։ Վերջապես նա գոհունակությամբ աղաղակեց, վեր ցատկեց աթոռից և, ձեռքերը շփելով, սկսեց սենյակում ետ ու առաջ վազել։ Հետո նա ուղարկեց մի երկար հեռագիր։

― Եթե ինձ պատասխանեն այնպես, ինչպես իմ արած հաշիվներն են, ձեր գիրքը, Ուոտսըն, կհարստանա նոր արկածների նկարագրությամբ, ― ասաց նա։ ― Հավանական է, վաղը մենք միասին կգնանք Նորֆոլկ և վերջնականապես կբացենք այն գաղտնիքը, որը մեր ընկերոջը այնքան տհաճություններ է պատճառել։

Խոստովանեմ, որ ինձ տանջում էր հետաքրքրասիրությունը, բայց ես գիտեի, որ Հոլմսը սիրում է բացատրություններ տալ միայն այն ժամանակ, երբ ինքը այդ կարևոր է համարում, և համբերությամբ սպասում էի, մինչև ինքը բարեհաճի ինձ հետ բաժանել իր հայտնագործությունը։

Բայց հեռագրի պատասխանը չէր գալիս․ երկու օր շարունակ Հոլմսը անհամբերությամբ ականջ էր դնում բոլոր զանգերին։ Երկրորդ օրը երեկոյան մենք Հիլտոն Կյուբիտտից նամակ ստացանք։ Նա հաղորդում էր, որ իր մոտ ամեն ինչ հանգիստ է․ միայն թե արևի ժամացույցի պատվանդանի վրա այսօր առավոտյան հայտնաբերել է մի շատ երկար մակագրություն։ Նամակին կցած էր այդ մակագրության ճիշտ պատճեն։ Ահա նա․



Հոլմսը կռացավ այդ տարօրինակ նկարի վրա և հանկարծ ոտքի կանգնելով, գոռաց զարմացած ու ջղայնացած։ Նրա մտահոգված դեմքը մռայլվեց։

― Մենք թույլ տվինք, որ այդ գործը չափազանց հեռուն գնա, ― ասաց նա։ ― Ի՞նչ գնացքներ են իրիկներն ուղևորվում Նորտ֊Ուելշեմ։

Ես նայեցի չվացուցակին։ Վերջին գնացքը հենց նոր է ուղևորվել։

― Այդ դեպքում մեզ մնում է շուտ նախաճաշել և դուրս գալ առավոտյան առաջին գնացքով, ― ասաց Հոլմսը։ ― Մեր ներկայությունն այնտեղ անհրաժեշտ է։ Ահա այն հեռագիրը, որին ես սպասում էի։ Մի րոպե սպասեք, միսսիս Հադսըն, գուցե պատասխանելու կարիք լինի։ Ոչ, ամեն ինչ այնպես է, ինչպես սպասում էի։ Այդ հեռագիրը վերջնականապես ապացուցում է, որ մենք այլևս իրավացի չենք միստր Հիլտոն Կյուբիտտին չտեղեկացնել գործերի դրության մասին, որովհետև նորֆոլկյան մեր միամիտ սկվայրը ընկել չափազանց վտանգավոր ոստայնի մեջ։

Անցնելով այդ մռայլ պատմության վերջավորությանը, որն ինձ սկզբում այնքան անմիտ ու ծիծաղելի էր թվում, ես նորից եմ վերապրում այն ամբողջ սարսափը, որ ինձ վիճակվեց ապրել այն ժամանակ։ Ես որքան կուզեի հնարավորություն ունենալ հաղորդել ընթերցողներին, որ այդ պատմությունը վերջացավ ի բարեհաջողություն ընդհանուրի։ Բայց իմ գիրքը փաստերի իսկական տարեգրություն է, և ես ստիպված եմ մինչև վերջը հետևել այդ ամբողջ տարօրինակ շղթայի այն դեպքերին, որոնց պատճառով մի քանի օր հետո Ռիդլինգ֊Տրոպ֊Մենոր դաստակերտի մասին սկսեց խոսել ամբողջ Անգլիան։

Նորտ֊Ուելշեմում մենք հազիվ հասցրինք դուրս գալ և ասել ուր ենք ուղևորվում, երբ մեզ մոտ վազեց կայարանապետը։

― Դուք, հավանական է, Լոնդոնից եկած խուզարկո՞ւ եք, ― հարցրեց նա։

Հոլմսը անհանգստացած նայեց նրան։

― Ինչո՞ւ եք այդպես կարծում։

― Որովհետև Նորվիշից եկած տեսուչ Մարտինը հենց նոր անցավ։ Կամ, գուցե դուք բժի՞շկ եք։ Կինը դեռ կենդանի է։ Հնարավոր է, որ դուք դեռ կարողանաք փրկել նրան․․․ կախաղանի համար։

Հոլմսը մռայլ էր և մտահոգված։

― Մենք ուղևորվում ենք Ռիդլինգ֊Տրոպ֊Մենոր, ― ասաց նա, ― բայց ոչինչ չենք լսել, թե ինչ է կատարվել այնտեղ։

― Սարսափելի բան, ― բացականչեց կայարանապետը։ ― Նրանք երկուսն էլ սպանված են․ և՛ միստր Հիլտոն Կյուբիտտը, և՛ նրա կինը։ Նա սկզբից խփել է ամուսնուն, հետո՝ իրեն։ Այդպես են պատմում աղախինները։ Ամուսինը մահացել է, իսկ կինը մեռնելու վրա է։ Տեր աստված, Նորֆոլկի կոմսությունում ամենահին տոհմն է։ Մեզ մոտ բոլորն էլ այնպես էին հարգում նրան։

Առանց որևէ բառ արտասանելու, Հոլմսը թռավ կառքը և ամբողջ յոթմիլիանոց ճանապարհի ընթացքում ոչ մի անգամ բերանը չբացեց։ Ինձ հաճախ չէր պատահել նրան տեսնել այդպիսի մռայլ տրամադրության մեջ։ Նա առաջ էլ, Լոնդոնից մեր ուղևորության ամբողջ ընթացքում, զգում էր ինչ֊որ մի տագնապ, և ես հենց սկզբից նկատեցի, թե նա ինչպիսի անհանգստությամբ է նայում առավոտյան թերթերը․ բայց այժմ, երբ հանկարծակի արդարացան նրա ամենավատ երկյուղները, նա վշտից կարծես թե քարացել էր։ Մեջքի վրա ետ ընկած՝ նա նստել էր խորասուզված թախծոտ խոհերի մեջ։

Մինչդեռ մենք գնում էինք Անգլիայի ամենահետաքրքիր վայրերից մեկով։ Այդ կողմի ամբողջ ժամանակակից բնակչությունը պատսպարվում է ցաքուցրիվ եկած փոքրիկ տնակներում, բայց յուրաքանչյուր քայլափոխին կանաչ հարթավայրի վրա վեր են խոյանում եկեղեցիների վիթխարի քառանկյուն աշտարակները, վկայելով հին արևելյան Անգլիայի վաղեմի փառքի և ծաղկման մասին։ Վերջապես կանաչ զառիթափի հետևում հայտնվեց Գերմանական ծովի բաց֊մանիշակագույն զոլը և կառապանը մտրակով մեզ ցույց տվեց երկու սրածայր տանիք, որոնք ցցվել էին խիտ ծառերի հետևից։

― Ահա Ռիդլինգ֊Տրոպ֊Մենորը, ― ասաց նա։

Երբ մենք մոտեցանք տանը, ես նկատեցի նրա դիմացի սև սարայը, որը գտնվում էր տեննիսային հրապարակի հետևը, և պատվանդանի վրայի արևի ժամացույցը։ Ներկած բեղերով մի արագարշարժ մարդ հենց նոր ճարպկորեն ցատկեց բարձր երկանվից։ Դա Նորֆոլկի ոստիկանական վարչության տեսուչ Մարտինն էր։ Նա լսելով իմ բարեկամի անունը, չափազանց զարմացավ։

― Թույլ տվեք, միստր Հոլմս, չէ՞ որ հանցագործությունը կատարվել է առավոտյան ժամը երեքին։ Ձեզ ինչպե՞ս հաջողվեց իմանալ այդ մասին իսկույն ևեթ Լոնդոնում ու այստեղ հասնել ինձ հետ միաժամանակ։

― Ես այդ նախագուշակեցի։ Եվ գալիս էի, որ կանխեմ։

― Հետևապես ձեզ մոտ տեղեկություններ կան, որոնց մասին մենք չգիտենք, քանի որ, ընդհանուր կարծիքի համաձայն, նրանք ապրել են շատ հաշտ։

― Ինձ մոտ այն տեղեկություններն են, որոնք ես ստացել եմ պարող մարդուկներից, ― ասաց Հոլմսը։ ― Այդ մասին ես ձեզ կպատմեմ հետո։ Ես ուշացա, ողբերգությունը տեղի ունեցավ, ինձ չհաջողվեց կանխել այն․․․ Է՛, ի՞նչ արած․․․ թող այդ դեպքում իմ մոտ եղած տեղեկությունները օգնեն արդար դատաստան կատարելու։ Չե՞ք ցանկանում արդյոք հետաքննությունը կատարել ինձ հետ միասին։ Թե՞ դուք կգերադասեիք, որ ես գործեմ ինքնուրույն։

― Ինձ համար մեծ պատիվ է աշխատել ձեզ հետ միասին, միստր Հոլմս, ― անկեղծությամբ պատասխանեց տեսուչը։

― Այդ դեպքում, ես կուզեի առանց հետաձգելու, լսել վկաներին և հետախուզել այն տեղը, որտեղ կատարվել է հանցագործությունը։

Տեսուչ Մարտինը այնքան խելամիտ էր, որ իմ բարեկամին թույլ տվեց անել այնպես, ինչպես ինքն էր ուզում։ Իսկ ինքը սահմանափակվեց նրանով, որ ուշադիր հետևում էր Հոլմսի աշխատանքին։ Տեղական բժիշկը, որը մի ճերմակամորուք ծերունի էր, հենց նոր դուրս եկավ միսսիս Հիլտոն Կյուբիտտի սենյակից և հաղորդեց, որ նրա դրությունը լուրջ է, բայց անհուսալի չէ․ այնուամենայնիվ, գիտակցությունը տեղը կգա, հավանական է, ոչ շուտ, քանի որ գնդակը ուղեղին է կպել։ Այն հարցին, նա ինքն է արդյոք կրակել իր վրա թե ինչ֊որ մի ուրիշը, նա չհամարձակվեց տալ որոշակի պատասխան։ Համենայն դեպս, կրակելը կատարվել էր շատ մոտիկից։ Սենյակում գտան ընդամենը մի ատրճանակ․ նրա երկու փողն էլ դատարկ էին։ Միստր Հիլտոնն Կյուբիտտը սպանվել է ուղղակի սրտին դիպած գնդակից։ Միևնույն հավանականությամբ կարելի է ենթադրել և այն, որ սկզբից ամուսինն է կրակել կնոջ վրա, ապա այնուհետև՝ իր, և այն, որ հանցագործը համարվում է ոչ այլ ոք, քան կինը, որովհետև ատրճանակը ընկած էր հատակին երկուսից էլ միևնույն տարածության վրա։

― Դուք ձեռք տվի՞ք սպանվածին, ― հարցրեց Հոլմսը։

― Ո՛չ, մենք միայն լեդուն վերցրինք և տարանք։ Մենք չէինք կարող վիրավոր լեդուն թողնել հատակի վրա։

― Արդյոք երկա՞ր ժամանակ է, որ դուք այստեղ եք, բժի՛շկ։

― Առավոտյան ժամը չորսից։

― Որևէ մեկը, բացի ձեզանից, այստեղ եղե՞լ է։

― Այո՛, կոնստեբլը։

― Դուք որևէ բան այստեղ տեղից շարժե՞լ եք։

― Ոչինչ։

― Դուք շատ խելամիտ եք վարվել։ Ձեզ ո՞վ է կանչել։

― Աղախինը, Սոնդերսը։

― Նա՞ առաջինը տագնապ բարձրացրեց։

― Նա և միսսիս Կինգը, խոհարարուհին։

― Որտե՞ղ են նրանք այժմ։

― Հավանական է, խոհանոցում։

― Այդ դեպքում, եկեք գործը սկսենք՝ նրանց պատմածը լսելուց։

Բարձր լուսամուտներով և կաղնով երեսպատված հնօրյա սրահը դարձվեց քննչական սենյակ։ Հոլմսը նստեց մեծ, հնաձև բազկաթոռի վրա։ Նրա հայացքը անդրդվելի էր, դեմքը՝ մռայլ։ Ես նրա աչքերում կարդացի հարկ եղած դեպքում ամբողջ կյանքը նվիրաբերելու վճռականություն այն բանին, որպեսզի այն մարդը, որին նա չէր կարողացել փրկել, գոնե վրեժը լուծած լիներ։ Մեր տարօրինակ համահավաքը, բացի ինձանից, կազմված էր տեսուչ Մարտինից, ծեր, ճերմակամորուք գյուղական բժշկից և բթավուն գյուղական պոլիսմենից։

Երկու կանանց ցուցմունքները վերին աստիճանի ճշմարիտ էին։ Նրանք արթնացել էին կրակոցի ձայնից․ մի րոպե հետո լսել էին երկրորդ կրակոցը։ Նրանք քնած էին եղել կից սենյակում, և միսսիս Կինգը նետվել էր Սոնդերսի մոտ։ Սանդուղքով նրանք իջել էին միասին։ Առանձնասենյակի դուռը բացված է եղել, մոմը՝ սեղանի վրա վառվելիս։ Նրանց տերը պառկած է եղել սենյակի մեջտեղը երեսն ի վայր՝ մահացած վիճակում։ Լուսամուտի մոտ, գլուխը կրթնած պատին, ցավագալար թավալվելիս է եղել նրա կինը։ Վերքը եղել է սոսկալի, դեմքի կեսը ծածկված է եղել արյունով։ Նա շնչելիս է եղել, բայց ոչինչ ասել չի կարողացել։ Միջանցքում ու սենյակում ծուխ է եղել․ զգացվել է վառոդի հոտ։ Լուսամուտը փակ է եղել և ներսի կողմից սողնակը գցած․ կանայք երկուսն էլ համոզված կերպով հաստատում էին այդ։ Նրանք իսկույն ևեթ կանչել են բժշկին և ոստիկանին։ Այնուհետև ձիապանի և ախոռում աշխատող տղայի օգնությամբ նրանք իրենց վիրավոր տանտիրուհուն տեղափոխել են իր սենյակը։ Տանտիրուհին հագած է եղել շրջազգեստ, իսկ ամուսինը՝ խալաթ, որը կրել է գիշերաշապկի վրայից։ Մարդու և կնոջ միջև երբեք վեճեր չեն եղել։ Բոլորը նրանց համարում էին չափազանց համերաշխ ամուսիններ։

Ահա ծառաների ամենագլխավոր ցուցմունքները։ Տեսուչ Մարտինին պատասխանելիս, կանայք երկուսն էլ հայտարարեցին, որ բոլոր դռները ներսի կողմից եղել են փակված և որ ոչ ոքի չէր հաջողվի դուրս պրծնել տնից։ Պատասխանելով Հոլմսին, նրանք երկուսն էլ հիշեցին, որ երկրորդ հարկում իրենց սենյակներից դուրս վազելիս զգացել են վառոդի հոտ։

― Ձեզ խորհուրդ եմ տալիս այդ փաստին դարձնել ամենալուրջ ուշադրությունը, ― ասաց Հոլմսը տեսուչ Մարտինին։ ― Իսկ այժմ, իմ կարծիքով, պետք է անցնել այն սենյակի զննմանը, որտեղ կատարվել է հանցագործությունը։

Առանձնասենյակը շատ փոքրիկ էր։ Նրա երեք պատերը զբաղված էին գրքի դարակներով, իսկ գրասեղանը դրված էր պարտեզին նայող պատուհանի մոտ։ Մեր ուշադրությունը ամենից առաջ գրավեց հատակին փռված դժբախտ սկվայրի ծանր մարմինը։ Սպանվածի հագուստի անկանոնությունը վկայում էր այն մասին, որ նա անկողնուց ելել է հապճեպորեն։ Գնդակը խոցել է նրա սիրտը և մնացել մարմնի մեջ։ Նա մահացել է վայրկենապես և առանց տանջվելու։ Ո՛չ նրա խալաթի և ո՛չ էլ ձեռքերի վրա չհաջողվեց հայտնաբերել վառոդի որևէ հետք։ Գյուղական բժիշկը պնդում էր, որ վառոդի հետքեր կային միսսիս Կյուբիտտի դեմքին, բայց ոչ ձեռքերին։

― Հետքերի բացակայությունը ոչինչ չի ապացուցում, իսկ նրանց առկայությունը ապացուցում է ամեն ինչ, ― ասաց Հոլմսը։ ― Եթե վառոդը պատահականորեն չթափվի վատ սարքած փամփուշտից, դուք ձեռքեր չեք կեղտոտի, որքան էլ ուզում է կրակեք․․․ Այժմ կարելի է տանել միստր Կյուբիտտի դիակը։ Ձեզ, բժիշկ, ըստ երևույթին, չի՞ հաջողվել գտնել լեդուն վիրավորող գնդակը։

― Դրա համար հարկ կլիներ կատարել լուրջ վիրահատում։ Բայց ատրճանակի մեջ չորս լիցք դեռ մնում է։ Եղել է երկու կրակոց, երկու վերք, հետևապես, դժվար չէ որոշել յուրաքանչյուր գնդակի ճակատագիրը։

― Դա այդպես միայն թվում է, ― ասաց Հոլմսը։ ― Բարի եղեք որոշել այ այն գնդակի ճակատագիրը, որը ծակել է լուսամուտի շրջանակի եզրը։

Նա հանկարծ շրջվեց և իր երկար, բարակ մատներով ցույց տվեց լուսամուտի շրջանակի ներքևի մասի անցքը։

― Սատանան տանի՜, ― բացականչեց տեսուչը։ ― Ինչպե՞ս ձեզ հաջողվեց այդ գտնել։

― Ես գտա, որովհետև որոնում էի։

― Զարմանալի է, ― ասաց գյուղական բժիշկը։ ― Դուք միանգամայն իրավացի եք, սըր․ նշանակում է եղել է նաև երրորդ կրակոցը, հետևապես և երրորդ մարդը։ Բայց ո՞վ է նա և ո՞ւր է կորել։

― Այդ հարցին մենք հիմա կփորձենք պատասխանել, ― ասաց Հոլմսը։ ― Եթե հիշում եք, տեսուչ Մարտին, երբ ծառաները հայտարարեցին, որ դուրս վազելով իրենց սենյակներից, նրանք անմիջապես զգացին վառոդի հոտ, ես ձեզ ասացի, որ դրա վրա պետք է ուշադրություն դարձնել։

― Հիշում եմ, սըր։ Բայց, եթե խոստովանեմ, ես ոչ բոլորովին ընկալեցի ձեր միտքը։

― Դա ապացուցում է, որ և՛ դուռը, և՛ լուսամուտը ամբողջապես բաց են եղել։ Հակառակ դեպքում վառոդի հոտը այդպիսի արագությամբ չէր տարածվի ամբողջ տան մեջ։ Միայն միջանցուկ քամին կարող էր այդ հոտը հեռուն տանել։ Այդ սենյակի և՛ դուռը, և՛ լուսամուտը բաց են եղել, բայց շատ կարճ ժամանակով։

― Ինչո՞ւ կարճ ժամանակով։

― Որովհետև, նայեք ինքներդ, այդ մոմը չի հալվել։

― Ճիշտ որ, ճիշտ որ, ― բացականչեց տեսուչը։

― Համոզվելով, որ ողբերգական դեպքի ժամանակ լուսամուտը ամբողջապես բաց է եղել, ես եզրակացրի, որ այդ գործում եղել է մի երրորդ մասնակից, որը կանգնած է եղել դրսի կողմից և լուսամուտից դեպի ներս է կրակել։ Այդ երրորդին ինչպիսի կրակոց էլ լիներ կարող էր կպչել լուսամուտի շրջանակին։ Ես նայեցի և իրոք գտա գնդակի հետքը։

― Բայց այդ ինչպե՞ս է եղել, որ լուսամուտը փակ էր։

― Լուսամուտը անկասկած փակել է կինը, նա փակել է բնազդորեն․․․ Բայց սա ի՞նչ է։ Ա՜։

Առանձնասենյակի սեղանին դրված էր կոկորդիլոսի կաշվից, արծաթապատ, փոքրիկ, զարդարուն, կանացի մի պայուսակ։ Հոլմսը բացեց այն և նրա պարունակությունը թափ տվեց սեղանի վրա։ Նրա միջից դուրս եկավ նեղ ժապավենով կապված հիսուն ֆունտանոց քսան պարտատոմս և ուրիշ ոչինչ։

― Վերցրեք, դատարանում դա դեր է կատարելու, ― ասաց Հոլմսը, պայուսակը իր պարունակությամբ հանձնելով տեսուչին, ― այժմ անհրաժեշտ է պարզել, ում համար էր նշանակված երրորդ գնդակը։ Դատելով լուսամուտի շրջանակի անցքից, կրակոցը սենյակից է կատարվել։ Ես կուզեի նորից խոսել միսսիս Կինգի՝ խոհարարի հետ․․․ Դուք ասացիք, միսսիս Կինգ, որ ձեզ արթնացրեց ուժեղ կրակոցի ձայնը։ Դրանով դուք ուզո՞ւմ էիք ասել, որ առաջին կրակոցի ձայնը ավելի բարձր էր, քան երկրորդինը։

― Ես քնած էի, սըր, և ինձ համար դժվար է դատել։ Կրակոցը ինձ շատ բարձրաձայն թվաց, սըր։

― Իսկ դուք չե՞ք կարծում արդյոք, որ դրանք եղել են գրեթե միևնույն ժամանակ արձակած կրակոցներ։

― Դրանից ես չեմ կարող գլուխ հանել, սըր։

― Ես համոզված եմ, որ այդպես էլ եղել է։ Ես կարծում եմ, տեսուչ Մարտին, որ այս սենյակում մենք այլևս ոչինչ չենք իմանա։ Եթե դուք համաձայն եք հետևել ինձ, եկեք գնանք պարտեզը և տեսնենք չկա՞ արդյոք այնտեղ որևէ հետաքրքրական բան։

Պարզվեց, որ հենց առանձնասենյակի լուսամուտի տակ ծաղկաթումբ կա։ Մոտենալով թմբին, մենք ճչացինք։ Ծաղիկները տրորված էին, փափուկ հողի վրա պարզորոշ մնացել էին ոտքերի հետքեր․ դրանք տղամարդու մեծ֊մեծ ոտնատեղեր էին՝ շատ երկար և սուր թաթերով։ Հոլմսը վիրավորված թռչուն որոնող որսորդական շան նման փնտրում էր խոտերի և տերևների մեջ։ Հանկարծ նա ուրախացած գոռաց, կռացավ և գետնից վերցրեց մի փոքրիկ, պնձյա գլանակիկ։

― Ես այդպես էլ գիտեի, ― ասաց նա։ ― Ահա երրորդ պարկուճը։ Ինձ թվում է, տեսուչ Մարտին, որ քննությունը գրեթե վերջացած է։

Գյուղական տեսուչի դեմքը արտահայտում էր զարմանք․ նա ակնհայտորեն հիանում էր Հոլմսի արագ և հմուտ աշխատանքով։ Սկզբից նա ուզում էր պաշտպանել իր սեփական կարծիքը, բայց շուտով այնպես հիացավ Հոլմսով, որ ամբողջովին ենթարկվեց նրան։

― Ո՞ւմ վրա եք կասկածում, ― հարցրեց նա։

― Ես ձեզ հետո կասեմ։ Այս գործում մի քանի կետեր կան, որոնք դեռ ի վիճակի չեմ բացատրելու։ Իմ հայտնաբերումների մեջ արդեն այնքան հեռու եմ գնացել, որ ավելի խելամիտ կլինի, եթե ես մի փոքր սպասեմ, իսկ հետո բացատրեմ բոլորը միանգամից։

― Ինչպես ձեզ հարմար է, միստր Հոլմս, միայան թե մարդասպանին ձեռքներիցս չթողնենք։

― Ես ոչ մի նկատառում չունեմ որևէ բան թաքցնելու, հիմա ուղղակի հնարավոր չէ գործի այս եռուն պահին ժամանակ կորցնել երկար ու հանգամանորեն բացատրությունների համար։ Այդ հանցագործության բոլոր թելերը իմ ձեռքին են։ Եթե լեդին նույնիսկ չփրկվի էլ, միևնույն է, մեզ կհաջողվի պարզել այդ գիշերվա բոլոր դեպքերը և հասնել արդարադատության։ Ամենից առաջ ես կուզեի իմանալ, թե այստեղ, մոտերքում, չկա՞ արդյոք «Էլրիջ» անունով հյուրանոց։

Ծառաներին ենթարկեցի խաչաձև հարցաքննության, բայց նրանցից ոչ ոք չէր լսել այդպիսի հյուրանոցի մասին։ Միայն ախոռում աշխատող տղան հանկարծակի հիշեց, որ այստեղից մի քանի միլ հեռավորության վրա, Իստ֊Ռեստոնից ոչ հեռու ապրում է Էլրիջ անունով մի ֆերմեր։

― Նրա ֆերման մյուսներից մի կո՞ղմ է ընկած։

― Մյուսներից հեռու է, սըր։

― Եվ, հավանական է, այնտեղ դեռ լսած չե՞ն լինի, թե այստեղ այսօր գիշեր ինչ է կատարվել։

― Հավանական է, լսած չեն լինի, սըր։

Հոլմսը սկսեց մտածել, և հանկարծ նրա երեսին հայտնվեց մի խորամանկ քմծիծաղ։

― Ձին թամբիր, տղաս, ― ասաց նա։ ― Ես ուզում եմ քեզ խնդրել՝ Էլրիջի ֆերման մի փոքրիկ գրություն տանել։

Նա գրպանից հանեց մի քանի թղթեր, որոնց վրա պարող մարդուկներ էին նկարված։ Առանձնասենյակում նստելով սեղանի մոտ, նա այդ թղթերը փռեց իր առաջ և խորասուզվեց աշխատանքի մեջ։ Վերջապես նա տղային հանձնեց գրությունը, հրամայեց այն հանձնել անմիջականորեն այն անձին, որին հասցեագրված է գրությունը, ըստ որում ոչ մի դեպքում չպատասխանել և ոչ մի հարցի։ Ինձ հաջողվեց նայել գրության հասցեն․ այն գրված էր անհավասար, անկանոն ձեռագրով, որը ոչ մի չափով նման չէր Հոլմսի սովորական պարզ ձեռագրին։ Գրությունը հասցեագրված էր Նորֆոլկի Իստ֊Ռեստըն, Էլրիջ ֆերման միստր Աբ Սլենին։

― Ինձ թվում է, տեսուչ, ― նկատեց Հոլմսը, ― որ ձեզ անհրաժեշտ է հեռագրով ուղեկցորդ կանչել, քանի որ, եթե իմ ենթադրություններն արդարանան, դուք պետք է կոմսության բանտն ուղարկեք չափազանց վտանգավոր հանցագործի։ Տղան, որին ես ուղարկում եմ գրությունով, կարող է միաժամանակ ուղարկել և ձեր հեռագիրը։ Մենք քաղաք կվերադառնանք հետճաշյան գնացքով, Ուոտսըն, քանի որ այսօր երեկոյան ինձ անհրաժեշտ է վերջացնել մի հետաքրքիր քիմիական անալիզ։ Իսկ այն գործը, որը մեզ այստեղ բերեց, արագորեն մոտենում է իր վախճանին։

Երբ գրություն տանող տղան հեռացավ, Շերլոկ Հոլմսը կանչեց ծառաներին։ Նա հրամայեց, որ տուն եկած այն անձանց, որոնք ցանկություն կհայտնեն տեսնել միսսիս Հիլտոն Կյուբետտին, անմիջապես բերել հյուրասրահը, չհաղորդելով նրանց այն, ինչ այստեղ տեղի է ունեցել։ Նա համառորեն պահանջեց, որ այդ հրամանը կատարվի ամենայն ճշտությամբ։ Հետո նա գնաց հյուրասրահը և ավելացրեց, որ այժմ ամեն ինչ կկատարվի առանց մեզ, իսկ մեզ մնում է միայն նստել ու սպասել, թե ինչ որս է ընկնելու մեր ցանցը։ Բժիշկը գնաց իր պացիենտների մոտ։ Հոլմսի հետ մնացինք ես և տեսուչը։

― Ես ձեզ կօգնեմ այս ժամը հետաքրքիր և օգտավետ անցկացնելու, ― ասաց Հոլմսը, մոտեցնելով իր աթոռը սեղանին և փռելով իր առաջ տարբեր տեսակի բազմաթիվ թղթեր, որոնց վրա նկարված էին պարող մարդուկներ։ ― Ձեր առաջ, բարեկամ Ուոտսըն, ինձ անհրաժեշտ է քավել իմ մեղքը․ ես շատ երկար բռնացա ձեր հետաքրքրասիրության վրա։ Իսկ ձեզ համար, տեսուչ, այս ամբողջ գործը կլինի մասնագիտական հրաշալի դաս։ Ամենից առաջ ես պետք է ձեզ պատմեմ Բեյքր֊ստրիտում միստր Հիլտոն Կյուբիտտի հետ իմ ունեցած հանդիպումների մասին։

Եվ նա համառոտակի տեսուչին պատմեց այն, ինչ մեզ արդեն հայտնի է։

Ահա իմ առաջ են այդ զվարճալի նկարները, որոնք կարող էին ժպիտ առաջացնել, եթե նրանք չհանդիսանային այդքան սարսափելի ողբերգության գուժկանը։ Ես հրաշալի կերպով ծանոթ եմ գաղտնագրության բոլոր տեսակներին և ինքս էլ հեղինակ եմ հանդիսանում մի գիտական աշխատության, որտեղ վերլուծման են ենթարկվում հարյուր վաթսուն տարբեր տեսակի ծածկագրեր, բայց և այնպես ստիպված եմ խոստովանել, որ այս ծածկագիրը ինձ համար բացարձակ նորություն է։ Այդ սիստեմի գյուտարարի նպատակը ըստ երևույթին եղել է այն, որ թաքցնի այդ նշանների տառեր լինելը և ներկայացնի նրանց որպես մանկական նկարներ։ Բայց յուրաքանչյուր ոք, ով կռահի, որ այդ նշանները համապատասխանում են տառերի, առանց որևէ դժվարության կգտնի նրանց գաղտնիքը, եթե օգտվի ծածկագրեր կարդալու սովորական օրենքներից։ Առաջին գրությունը այնքան կարճ էր, որ ինձ հնարավորություն տվեց անելու ընդամենը մի ճշմարտանման ենթադրություն, որը հետագայում հաստատվեց։ Ես խոսում եմ դրոշակների մասին։ Այդ դրոշակներն օգտագործվում են միայն նրա համար, որպեսզի նշեն առանձին բառերի վերջը։ Առաջին գրության մեջ, բացի դրանից, ուրիշ ոչ մի բան ես որոշել չկարողացա։ Ինձ անհրաժեշտ էր թարմ նյութ։ Երկրորդ անգամ այցելելիս, միստր Հիլտոն Կյուբիտտը ինձ հանձնեց երեք նոր գրություն, որոնցից վերջինը, ամենայն հավանականությամբ, պարունակում էր ընդամենը մի բառ, քանի որ դրա մեջ դրոշակներ չկային։ Երկու այլ գրություններ սկսվում էին, անկասկած, չորս տառից կազմված միևնույն բառից։ Ահա այդ բառը՝



Ինչպես տենսում եք դա վերջանում է հենց նույն տառով, որով և սկսվում է։ Այստեղ իմ գլխում մի երջանիկ միտք ծագեց։ Նամակները սովորաբար սկսվում են այն մարդու անունով, ում նա հասցեագրված է։ Այն մարդը, որ միսսիս Կյուբիտտին գրում էր այդ նամակները, անկասկած վերջինիս հետ մոտ ծանոթ է եղել։ Միանգամայն բնական է, որ նամակագիրը միսսիս Կյուբիտտին կոչում է ուղղակի անունով։ Իսկ վերջինիս անունը բաղկացած է չորս տառից և վերջանում է նույն տառով, որով սկսվում է այդ անունը։ Իլսի է։ Այդպիսով, ես դարձա երեք տառերի տեր․ Ի, Լ և Ս։

Եվ այդպես, երկու գրությունների մեջ, դիմելով միսսիս Կյուբիտտին, նա վերջինիս կոչում է իր անունով և ինչ֊որ բան է պահանջում նրանից։ Ի՞նչ կարող է պահանջել նամակագիրը միսսիս Կյուբիտտից։ Նա չի՞ պահանջում արդյոք, որ միսսիս Կյուբիտտը ներկայանա որևէ տեղ, ուր ինքը կարող է խոսել նրա հետ։ Ես դիմեցի երրորդ գրության հաջորդ բառերին։ Ահա նա․



Նրանց մեջ կան ինը տառ․ առաջին և վերջին տառերն են Ի։ Ես ենթադրեցի, որ այդ բառերը «ինձմոտարի» է, և միանգամից դարձա յոթ տառերի տեր։ Ն, Ձ, Մ, Ո, Տ, Ա, Ր։ Այնժամ ես դիմեցի այն գրությանը, որը բաղկացած էր ընդամենը մի բառից։ Ինչպես ձեզ հայտնի է, այդ բառը գրել էին սարայի դռան ներքևի պանելի վրա՝ նախընթաց մակագրությունից մի կողմ։ Ես ենթադրեցի, որ դա պատասխան է, և գրել է միսսիս Կյուբիտտը։ Ահա նա․



Այժմ դրա տակ դնենք այն տառերը, որոնք մեզ արդեն հայտնի են։ Ստացվում է․ Ս․ Ա․ Ս։ Ի՞նչ կարող էր պատասխանել միսսիս Կյուբիտտը նրա խնդրանքին, որով կանչում էր իրեն։ Ես հանկարծ կռահեցի։ Նա պատասխանել է․ «Չսպասեք»։

Այժմ ես արդեն այնքան տառեր գիտեի, որ կարող էի վերադառնալ ամենաառաջին գրությանը։ Ահա նա․



Եթե այդ մակագրության տակ տեղադրենք մեզ արդեն հայտնի տառերը, ստացվում է․

Ս․ Ա․ ՍՏ․ Մ․ ՍԼ․ ՆԻ․

Ենթադրենք, որ երկրորդ բառը նշանակում է «ԱՅՍՏԵՂ»։ Այդ դեպքում վերջին բառը կլինի «ՍԼԵՆԻ»։ Դա ազգանուն է, որը Ամերիկայում չափազանց տարածված է։ Երկու տառից կազմված կարճ բառը, որը գտնվում է ազգանվան առաջ, ամենայն հավանականությամբ, անուն է։ Իսկ այդ ի՞նչ անուն է, որ կարող է կազմված լինել երկու տառից։ Ամերիկայում շատ տարածված է «ԱԲ» անունը։ Այժմ մնում է որոշել միայն նախադասության առաջին բառը, նա բաղկացած է ընդամենը երկու տառից, և դրա գլխի ընկնելը դժվար չէ, այդ «Ես» դերանունն է։ Եվ այդպես, առաջին գրության մեջ ասված է․ «ԵՍ ԱՅՍՏԵՂ ԵՄ ԱԲ ՍԼԵՆԻ»։ Իսկ այժմ ես այնքան տառեր ունեմ, որ առանց որևէ դժվարության կարող եմ կարդալ նաև երկրորդ գրությունը։ Այստեղ գրված է․ «ԻԼՍԻ, ԵՍ ԱՊՐՈՒՄ ԵՄ ԷԼՐԻՋԻ ՄՈՏ»։ Ես մտածեցի, որ «ԷԼՐԻՋԸ» տան կամ հյուրանոցի անունն է, որտեղ ապրում է այս ամենը գրող մարդը։

Տեսուչ Մարտինը և ես խորին ուշադրությամբ լսեցինք մանրամասն ու պարզ հաշվենականությունը այն մասին, թե ինչ ձևով էր իմ բարեկամը գտնում պարող մարդուկների գաղտնիքը։

― Իսկ հետո ի՞նչ արիք, սըր, ― հարցրեց տեսուչը։

― Քանի որ «ԱԲ» ազգանունը գործածվում է միայն Ամերիկայում և քանի որ ամբողջ գործը սկսվեց Ամերիկայից նամակ գալով, ես ունեի բոլոր հիմքերը ենթադրելու, որ այդ Աբ Սլենին ամերիկացի է։ Բացի դրանից, ես կասկածում էի, որ այդ բոլորի հետևը թաքնվում է ինչ֊որ հանցագործություն։ Իմ կասկածանքը առաջացավ նրանից, որ միսսիս Կյուբիտտը այդպիսի համառությամբ թաքցնում էր ամուսնուց իր անցյալը։ Ես հեռագիր ուղարկեցի Նյու֊Յորքի ոստիկանական վարչություն միստր Ուիլսըն Հարգրիվին, որը հաճախ է օգտվել իմ գիտելիքներից։ Ես հարցում արի նրան, թե ով է Աբ Սլենին։ Նա ինձ պատասխանեց․ «Չիկագոյի ամենավտանգավոր բանդիտը»։ Այն երեկոյան, երբ ես ստացա այդ պատասխանը, Հիլտոն Կյուբիտտը հաղորդեց ինձ Սլենիի վերջին նամակը։ Տեղադրելով նրա տակ արդեն հայտնի տառերը, ես ստացա․

«ԻԼՍԻ ՊԱՏՐԱՍՏ․ ԻՐ ՄԱ․ ԱՆ նախադասությունը։

Այդպես ես իմացա Վ․ և Հ․ տառերը, որոնք մինչ այդ՝ ինձ չէին հանդիպել։ «Իլսի պատրաստվիր մահվան»։ Սրիկան խնդրանքներից անցավ սպառնալիքների, իսկ ինձ հայտնի է, որ Չիկագյան բանդիտների խոսքը գործից չի անցնում։ Ես իմ բարեկամ և օգնական Ուոտսընի հետ անհապաղ ուղևորվեցի Նորֆոլկ, բայց, դժբախտաբար, մենք տեղ հասանք այն ժամանակ, երբ ամենավատթարագույնը արդեն տեղի էր ունեցել։

― Մեծ պատիվ է ձեզ հետ միասին հանցագործություն հայտնաբերելը, ― մեղմությամբ ասաց տեսուչը։ ― Բայց, ես հույս ունեմ, դուք թույլ կտաք ինձ մի քանի անկեղծ խոսք ասել ձեզ։ Դուք պատասխանատու եք միայն ձեր առաջ, իսկ ես պատասխանատու եմ իմ պետերի առաջ։ Եթե Էլրիջում ապրող այդ Աբ Սլենին իսկապես մարդասպան է և եթե նա փախչի, մինչև ես այստեղ նստած եմ, ապա ինձ սպասում են չափազանց մեծ տհաճություններ։

― Կարիք չկա ձեզ անհանգստանալու․ նա փախուստի փորձ չի անի։

― Որտեղի՞ց գիտեք։

― Փախչել՝ նշանակում է հանցագործությունը հանձն առնել։

― Այդ դեպքում եկեք գնանք և կալանավորենք նրան։

― Ես րոպե առ րոպե այստեղ նրան եմ սպասում։

― Դուք ինչո՞ւ եք կարծում, որ նա կգա։

― Որովհետև ես նրան գրել եմ և խնդրել, որ գա։

― Այդ ամենը չափազանց մեծ անշրջահայեցողություն է, միստր Հոլմս։ Մի՞թե նա այստեղ կգա լոկ այն պատճառով, որ դուք նրան խնդրել եք։ Ավելի հեշտ չէ՞ արդյոք ենթադրել, որ ձեր նամակը նրա մեջ կասկածներ կառաջացնի, և նա փորձ կանի ծլկել։

― Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես կազմում նամակը, ― ասաց Շերլոկ Հոլմսը ― եթե չեմ սխալվում, այդ ջենտլմենը ահա այն ճանապարհով մեզ մոտ է գալիս իր սեփական անձով։

Դեպի տուն եկող ճանապարհով ինչ֊որ մարդ էր քայլում։ Դա բարձրահասակ, գեղեցիկ, մոխրագույն կոստյումով, լայնեզր գլխարկով, սև կոշտամազ մորուքով և մեծ, գիշատիչ քթով մի թուխ մարդ էր։ Նա այնպես էր քայլում ու պտտեցնում ձեռքի գավազանը, որ կարծես թե շուրջն ամեն ինչ իրեն էր պատկանում։ Վերջապես լսվեց ուժեղ և վստահ զանգի ձայնը։

― Ես կարծում եմ, ջենտլմեններ, ― հանգիստ ասաց Հոլմսը, ― որ ձեզ անհրաժեշտ է թաքնվել դռան հետևում։ Երբ գործ ունես այսպիսի մարդու հետ, պետք է ձեռք առնես նախազգուշական բոլոր միջոցները։ Տեսուչ, դուք ձեռնակալներ պատրաստեք։ Իսկ նրա հետ խոսելու պարտականությունը թողեք ինձ։

Մի ամբողջ րոպե անցավ լռության մեջ։ Դա այն րոպեներից է, որ երբեք չի մոռացվում։ Այնուհետև, դուռը բացվեց, և մեր հյուրը մտավ սենյակ։ Մի ակնթարթում Հոլմսը ատրճանակը բռնեց նրա ճակատին, Մարտինը ձեռնակալները հագցրեց նրա բազուկներին։

Այդ ամենը արվեց այնքան արագ ու ճարպկորեն, որ մեր գերին ազատազրկվեց ավելի շուտ, քան հարձակվողներին նկատել էր։ Նա իր սև փայլուն աչքերի հայացքը մեկից մյուսի վրա էր գցում, հետո դառնորեն ծիծաղեց։

― Է՛, ջենտլմեններ, այս անգամ դուք ինձ բռնեցիք։ Այժմ ես արդեն ձեր ձեռքից չեմ պրծնի․․․ Բայց այստեղ նամակով ինձ կանչել է միսսիս Հիլտոն Կյուբիտտը․․․ ո՛չ, ինձ մի ասեք, թե նա ձեզ հետ դավադրել է։ Մի՞թե նա ձեզ օգնել է ինձ գցել այս ծուղակը։

― Միսսիս Հիլտոն Կյուբիտտը ծանր վիրավորված է և մահամերձ։

Նա բարձր ճչաց, և նրա վշտալի ճիչը, տարածվեց ամբողջ տնով մեկ։

― Դուք խելագարվել եք, ― բղավեց նա կատաղությամբ։ ― Նրա ամուսինն է վիրավոր և ոչ թե նա ինքը։ Մի՞թե որևէ մեկը կհամարձակվեր վիրավորել փոքրիկ Իլսիին։ Ես սպառնում էի նրան, բայց նրա հիասքանչ գլխի մազին անգամ չէի կպչի։ Ետ վերցրեք ձեր խոսքերը։ Է՛յ, դուք, ասացեք, որ նա վիրավորված չէ։

― Նրան ծանր վիրավորված են գտել իր մահացած ամուսնու կողքին։

Խոր տնքոցով նա ընկավ բազմոցի վրա և դեմքը ծածկեց ձեռքերով։ Նա ամբողջ հինգ րոպե լուռ էր։ Հետո դեմքը բացեց, և հուսահատության սառը հանգստությամբ խոսեց․

― Ես ձեզանից թաքցնելու բան չունեմ, ջենտլմեններ, ― ասաց նա։ ― Ես կրակում էի միսսիս Հիլտոնի ամուսնու վրա, բայց նա էլ կրակում էր ինձ վրա, հետևապես, այդ չի կարելի անվանել մարդասպանություն։ Եթե դուք կարծում եք, որ ես ի վիճակի եմ սպանել այդ կնոջը, կնշանակի դուք ո՛չ նրան գիտեք, և ո՛չ էլ ինձ։ Ոչ մի տղամարդ երբեք որևէ կնոջ չի սիրել այնպես, ինչպես ես եմ սիրել նրան։ Ես նրա նկատմամբ ունեի բոլոր իրավունքները։ Նա ինձ համար նախապես նշանված է եղել դեռ տարիներ առաջ։ Ինչի՞ հիման վրա այդ անգլիացին կանգնեց մեր երկուսի մեջտեղը։ Ես առաջինը ստացա նրան տիրանալու իրավունքները, և ես պահանջում էի լոկ այն, ինչ ինձ էր պատկանում։

― Նա ձեզանից բաժանվեց, երբ իմացավ, թե ով եք դուք, ― խստորեն ասաց Հոլմսը։ ― Նա Ամերիկայից փախել էր՝ ձեզանից թաքնվելու համար, և Անգլիայում ամուսնացավ պատվարժան մարդու հետ։ Դուք սպառնում էիք այդ կնոջը, դուք հետապնդում էիք նրան, դուք ստիպում էիք նրան փախչել ձեզ հետ և լքել իր ամուսնուն, որին նա սիրում էր ու հարգում։ Իսկ ձեզանից նա վախենում էր և ատում ձեզ։ Դուք բանը վերջացրիք նրանով, որ սպանեցիք այդ ազնիվ մարդուն և նրա կնոջը հասցրիք ինքնասպանության։ Ահա ձեր ծառայությունները, միստր Աբ Սլենի, որոնց համար դուք պատասխան եք տալու։

― Եթե Իլսին մահանա, ինձ համար միևնույն է, թե ինչ կկատարվի ինձ հետ, ― ասաց ամերիկացին։

Նա բացեց սեղմած բռունցքը և նայեց ափում գտնվող գրությանը։

― Լսեք, միստր, ― գոռաց նա, և աչքերը անվստահությամբ փայլեցին, ― դուք չե՞ք փորձում արդյոք ինձ պարզապես վախեցնել։ Եթե լեդին այդքան ծանր վիրավորված է, այդ դեպքում ո՞վ է գրել այս գրությունը։

Նա գրությունը նետեց սեղանին։

― Այդ գրեցի ես, որպեսզի ձեզ ստիպեմ այստեղ գալ։

― Այդ դո՞ւք գրեցիք։ Ամբողջ երկրագնդում, բացի մեր խմբի անդամներից, ոչ մի մարդ չկա, որ իմանա պարող մարդուկների գաղտնիքը։ Դուք ինչպե՞ս կարող էիք այդ գրել։

― Այն, ինչ հնարավոր է մեկի կողմից, կարող է հասկանալ և մեկ ուրիշը, ― ասաց Հոլմսը։ ― Ահա մոտենում է կեբը, որով ձեզ կուղարկեն Նորվիշ, միստր Սլենի։ Բայց դուք դեռ հնարավորություն ունեք մի փոքր շտկել ձեր պատճառած չարիքը։ Ձեզ հայտնի՞ է արդյոք, որ կասկածում էին, թե միսսիս Հիլտոն Կյուբիտտը ինքն է ամուսնուն սպանողը և որ միայն իմ այստեղ լինելն ու իմ հայտնաբերած տեղեկությունները փրկեցին նրան այդ մեղադրանքից։ Դուք պարտավոր եք ամբողջ աշխարհին հայտարարել, որ նա ոչ ուղղակի և ոչ էլ անուղղակի մեղք չունի իր ամուսնու ողբերգական մահվան մեջ։

― Ես այդպես էլ կանեմ, ― ասաց ամերիկացին։ ― Ես տեսնում եմ, որ ինձ համար ամենաձեռնտուն զուտ ճշմարտությունն ասելն է։ Դուք պետք է իմանաք, ջենտլմեններ, որ ես ծանոթացա այդ լեդու հետ, երբ նա երեխա էր։ Չիկագոյի մեր խումբը բաղկացած էր յոթ հոգուց, և Իլսիի հայրը մեր պարագլուխն էր։ Խելացի էր ծերուկը, այդ Պատրիկը։ Նա հնարեց այդ տառերը, որոնք բոլորի կողմից դիտվում էին որպես մանկական խզբզանքեր, մինչև որ բախտ վիճակվեց ձեզ գտնել նրանց բանալին։ Իլսին մեր որոշ գործերի մասին գիտեր, բայց նա տանել չէր կարողանում մեր պրոֆեսիան, և քանի որ նա ազնիվ աշխատանքով վաստակած սեփական մի քիչ փող ուներ, ծլկեց մեզնից և եկավ Լոնդոն։ Նա ինձ հետ նշանված էր և կամուսնանար, եթե ես փոխեի պրոֆեսիաս, իսկ մեր պրոֆեսիայի տեր մարդկանց հետ նա ոչինչ ընդհանուր ունենալ չէր ցանկանում։ Ինձ հաջողվեց գտնել նրա հետքը միայն այն ժամանակ, երբ նա ամուսնացավ այդ անգլիացու հետ։ Ես նրան գրեցի, բայց պատասխան չստացա։ Այնժամ ես եկա այստեղ, և քանի որ նա իմ նամակները կարող էր չստանալ, սկսեցի իմ ասելիքները նրան գրել այնպիսի առարկաների վրա, որոնք կզարնվեին նրա աչքին։

Ես արդեն մի ամիս է ապրում եմ այստեղ։ Բնակվում եմ ֆերմայում։ Իմ վարձած սենյակը նրանով է լավ, որ գտնվում է ցածր հարկում, և ես կարողանում էի այնտեղից դուրս գալ գիշերները, առանց տանտիրոջ ուշադրությունը գրավելու։ Ես ամբողջ ուժով աշխատում էի Իլսիին գրավել դեպի ինձ։ Գիտեի, որ նա կարդում է իմ խզխզանքները, որովհետև նա մի անգամ այդ խզբզանքների տակ պատասխան գրեց։ Վերջապես համբերությունս կորցրի և սկսեցի սպառնալ նրան։ Այնժամ նա ինձ մի նամակ ուղարկեց, որի մեջ աղաչում էր հեռանալ, հավատացնելով, որ իր սիրտը կփշրվի, եթե ամուսինը ընկնի որևէ սկանդալային պատմության մեջ։ Նա խոստացավ ինձ հետ խոսել լուսամուտից, գիշերվա ժամը երեքին, երբ ամուսինը քնած լինի, եթե ես խոսք տամ, որ դրանից հետո կհեռանամ և իրեն հանգիստ կթողնեմ։

Ինձ հետ խոսելիս նա փող առաջարկեց, որպեսզի ինձնից ազատվի։ Դա կատաղեցրեց ինձ, ես ճանկեցի նրա ձեռքը և փորձեցի դուրս քաշել լուսամուտից։ Այդ վայրկյանին ատրճանակը ձեռքին, վազելով եկավ նրա ամուսինը։ Իլսին գիտակցությունը կորցրած ընկավ հատակին, և մենք նրա ամուսնու հետ մնացինք դեմհանդիման։ Ես էլ էի զինված և բարձրացրի ատրճանակս, որպեսզի վախեցնեմ նրան և հնարավորություն ստանամ հեռանալու։ Նա կրակեց և չկպավ։ Ես կրակեցի գրեթե նրա հետ միաժամանակ, և նա փռվեց հատակին։ Ես պարտեզով փախա և լսեցի, թե ինչպես իմ հետևից շրխկալով փակվեց լուսամուտը․․․ Այդ բոլորը ճշմարտություն է, ջենտլմեններ, և ուրիշ ոչինչ ես այդ մասին չէի լսել, մինչև այդ փոքրիկ տղայի գրություն բերելը։ Կարդալով այդ գրությունը ես վազեցի այստեղ և ընկա ձեր ձեռքը․․․

Այդ ժամանակ կեբը մոտեցավ տանը․ նրա մեջ նստած էին երկու պոլիսմեն։

Տեսուչ Մարտինը վեր կացավ և շարժեց բանտարկյալի ուսը․

― Գնալու ժամանակն է։

― Ինձ չի՞ կարելի արդյոք գնալուցս առաջ տեսնվել միսսի Հիլտոնի հետ։

― Ո՛չ, նա դեռ գիտակցության չի եկել․․․ Միստր Շերլոկ Հոլմս, ինձ մնում է միայն հուսալ, որ երբ ինձ նորից ուղարկեն որևէ գործի հետաքննության, ես կրկին բախտ կունենամ ձեզ հետ միասին աշխատելու։

Մենք կանգնել էինք լուսամուտի մոտ և նայում էինք հեռացող կեբի հետևից։ Շրջվելով, ես նկատեցի թղթի մի թերթ, որը հանցագործն էր թողել սեղանին։ Դա Հոլմսի ուղարկած գրությունն էր։

― Փորձեք կարդալ այդ, Ուոտսըն, ― ասաց նա ժպտալով։

Այդ թերթի վրա նկարված էին ահա այսպիսի մարդուկներ․



― Եթե դուք հիշեք իմ բացատրությունները, կտեսնեք, որ այստեղ գրված է․ «ԱՆՄԻՋԱՊԵՍ ԱՐԻ»։ Ես չէի կասկածում, որ այդ հրավերը նրան այստեղ կբերի, քանի որ նա համոզված է լինելու, թե, բացի միսսիս Կյուբիտտից, ոչ ոք այսպես գրել չէր կարող։ Մի խոսքով, իմ սիրելի Ուոտսըն, այդ մարդուկներին, որոնք այնքան երկար ժամանակ ծառայում էին չարին, մենք ստիպեցինք վերջ ի վերջո ծառայել բարուն․․․ Ինձ թվում է, ես կատարեցի ձեր հուշատետրը հարստացնելու իմ խոստումը։ Մեր գնացքը շարժվում է ժամը երեքն անց քառասուն րոպեին, և մենք Բեյքր֊ստրիտ կհասնենք ուղղակի ճաշի ժամանակ։

Վերջում ևս մի քանի խոսք։ Ամերիկացի Աբ Սլենին Նորվիչում դատական ձմեռային սեսիայում դատապարտվեց մահվան։ Բայց, նկատի ունենալով հանցանքը մեղմացնող հանգամանքները և այն բանի ապացուցվածությունը, որ Հիլտոն Կյուբիտտը առաջինն է կրակել նրա վրա, դատարանը մահվա դատավիճիռը փոխարինեց տաժանակիր աշխատանքներով։ Միսսիս Հիլտոն Կյուբիտտի մասին ինձ հայտնի է միայն այն, որ նա ամբողջովին առողջացել է, որ մինչև հիմա դեռ այրի է և որ նա իր կյանքը նվիրել է աղքատների համար տարվող հոգսերին։
  1. Սկվայր ― կալվածատեր։