Ջեկ Լոնդոն (ակնարկ)

Գրապահարան-ից
00:10, 17 Դեկտեմբերի 2014 տարբերակ, Ծովիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ջեկ Լոնդոն

հեղինակ՝ Արամ Բուդաղյան
աղբյուր՝ Ջեկ Լոնդոն, 1-ին հատոր, 1965


(1876 ― 1916)

Ջեկ Լոնդոնը պատկանում է այն բացառիկ գրողների թվին, որոնք դուրս են եկել իրենց ազգային շրջանակներից և դարձել առաջավոր մարդկության սեփականությունը։ Լոնդոնին կարդում են սիրով, կարդում են անկախ հասակից, մասնագիտությունից, կրթության աստիճանից ու մաշկի գույնից։ Նրա հերոսները, առաջին հերթին ժողովրդի ծոցից դուրս եկած կերպարները, հմայում են բոլորին, հմայում են իրենց անմիջականությամբ, անկեղծությամբ ու ազնվությամբ։ Նրանք անվախ են, քաջ են ու համարձակ. ատում են չարը, անարդարությունն ու դաժանությունը։

Լոնդոնը իր ստեղծագործության մեջ ընդդրկել է բազմաթիվ հարցեր ու բազմազան թեմաներ, բայց նրա ուշադրությունը միշտ էլ սևեռված է եղել դեպի տառապած մարդը։ Որպես մեծ դեմոկրատ գրող և հումանիստ՝ նա վառ գույներով պատկերել է «փոքր» մարդուն, նրա երազանքներն ու ձգտումները, նրա ֆիզիկական ու հոգեկան տառապանքները։ Այգ բոլորի հետ միասին Լոնդոնի լավագույն գործերի մերկացնող քննադատության սլաքներն ուղղված են կապիտալիստական քաղաքականության հիմքում ընկած բարբարոսությանդ խաբեության ու կեղծիքի դեմ։

Կապիտալիստական դժոխքից դուրս գալու միակ ելքը Լոնդոնը տեսնում էր սոցիալիստական հեղափոխության մեջ։ Այդ տեսակետից Լոնդոնը թերևս իր ժամանակի միակ գրողն էր, որ բարձրացավ հասարակական օրենքների զարգացման մարքսիստական ըմբռնման մակարդակին։ Պատահական չէ, որ Գորկին նրան անվանում է «պրոլետարական գրականության նախաձեռնողը Ամերիկայում»։


✻    ✻



Ջեկ Լոնդոնը ծնվել է 1876 թվականին Սան-Ֆրանցիսկո քաղաքում։ Նրա հայրը եղել է իռլանդացի աստղաբաշխ հենրի Վիլյամ Չանին, որը, սակայն, հրաժարվեց իր որդուց։ Ջեկի դյուրազգաց ու հիվանդոտ մայրը ամուսնացավ ֆերմեր Ջոն Լոնդոնի հետ, որի ազգանունով էլ գրվեց Ջեկը։

Ջեկի մանկությունն անցել է ծանր պայմաններում։ Շատ վաղ հասակից նա հարկադրված էր մտնել աշխատանքի և միջոցներ հայթայթել ընտանիքի գոյության համար։ Դեռ դպրոցում սովորելիս, նա վեր էր կենում առավոտյան ժամը երեքին, վազում էր օրվա թերթերի հետևից, վաճառում էր, հետո գնում դպրոց, իսկ երեկոյան նորից էր վազում թերթերի հետևից։ Եվ այսպես ամեն օր։ Վաստակած գումարը նա ամբողջովին տալիս էր մորը, իսկ դպրոց գնում էր հնամաշ շորերով ու կոշիկներով։

Ընտանիքի նյութական վիճակը քանի գնում ավելի էր վատանում. հայրը՝ Ջոնը, գնացքից ընկել, կոնտուզիա էր ստացել և չէր կարող աշխատել։ Ընտանիքի հոգսերի ամբողջ ծանրությունն ընկնում է փոքրիկ Լոնդոնի վրա։

Նա մտնում է պահածոների գործարան, որտեղ աշխատում է 18-20 ժամ։ «Մի անգամ մեքենայի մոտ կանգնեցի նույնիսկ 36 ժամ»,— գրում է նա։ Բայց դա երկար չտևեց։

Տասնհինգ տարեկան հասակից նա ծանոթանում է «ոստրեահենների» հետ: Իր նեգրուհի դայակից փոխարինաբար վերցրած փողով Ջեկը գնում է մի նավակ և սկսում ոստրեներ որսալ արգելված տեղերում։ Նա գիտեր, որ բռնվելու դեպքում իրեն սպառնում է բանտարկության վտանգը։ Չնայած դրան, գիշեր-ցերեկ անց էր կացնում իր լողացող սեփական տան մեջ։ Նոր «զբաղմունքը» օգնեց Ջեկին մարելու կուտակված պարտքերը։ Միջավայրի բարքերը, սակայն, նրան հակում են դեպի զեխ կյանքը, նա անձնատուր է լինում հարբեցողության և իր «ծովահենի» պատիվը բարձր պահելու համար շռայլ ծախսեր է կատարում, որպեսզի գարեջրով ու վիսկիով հյուրասիրի իր ընկերներին, դա հատկապես անում էր այն ժամանակ, երբ հաջող որս էր ձեռք բերում։ Սակայն այդօրինակ կյանքը շատ շուտով հիասթափեցնում է նրան։ Նա սկսում է տարվել ընթերցանությամբ. կարդում է ագահորեն։ Ջեկի գրական մտահորիզոնի ձևավորման հարցում մեծ օժանդակություն է ցույց տալիս գրադարանավարուհի և անվանի բանաստեղծուհի Այնա Քուլբրիտը։ Պատանուն հատկապես հրապուրում էին արկածային բովանդակություն ունեցող գրքերը, որոնց մեջ պատկերվում էին համարձակ, հանդուգն և աննկուն կամքի տեր մարդիկ։ Ուժեղ անհատը միանգամայն համապատասխանում է նրա իդեալին։ Դրա հետ միասին, պատանուն քաշում էր և օվկիանոսի ու անդրօվկիանոսյան հեռավոր nւ անհայտ երկրների ռոմանտիկան։ Նրա սիրած գրքերից էր Հերման Մելվիլլի «Թայփի» վեպը, որի մեջ հեղինակը վառ գույներով տալիս է ծովային էկզոտիկան և բնիկների գոյության պայմ անների իրական պատկերը։

Տասնյոթ տարեկան հասակում որպես նավաստի Ջեկն ընդունվում է աշխատանքի եռակայմ «Սոֆի-Սեզերլենդ» առագաստանավում, որը ծովարջի մորթիներ հայթայթելու նպատակով մեկնում է ճապոնիայի ափերը։ Երիտասարդ Լոնդոնը կարողացել էր իր մեջ մշակել ուժեղ կամք, նա ոչ մի դժվարությունից չէր վախենում, աշխատում էր հին, փորձված նավաստիների հետ հավասար պայմաններում, երբեմն նույնիսկ անում էր ավելին, քան պահանջվում էր։ Այսպիսով նրան հաջողվում է իր պատշաճ տեղը գրավել նավաստիների շարքում։ Նա ասում, ծիծաղում, խմում և ուրախանում է մեծահասակների հետ միասին։

Յոթ ամիս հետո նավը վերադարձավ Uան-Ֆրանցիսկո։ Ճիշտ է, Ջեկը քիչ փող բերեց, բայց վերադարձավ տպավորությունների հարուստ պաշարով։ Նա այժմ գիտեր իսկական ծովը և նրա քմահաճույքները, ծանոթացել էր նոր մարդկանց հետ, ճանապարհորդության ընթացքում կարդացել էր մի շարք գեղարվեստական գրքեր․ նրա վրա անջնջելի տպավորություն էին թողել «Աննա Կարենինան» և «Տիկին Բովարին»։

Ջեկ Լոնդոնը իր վաստակած ամբողջ գումարը հանձնեց մորը, բայց տանը անգործ նստել չէր կարող, ընտանիքը սուր կարիքի մեջ էր։ Ժամանակները տագնապալից էին։ 1893 թվականի ճգնաժամը կաթվածահար էր արել երկրի տնտեսական կյանքը, գործարանները չէին աշխատում, բանվորները դուրս էին շպրտվում փողոց, խանութները լի էին ապրանքներով, փողի սղությունը մարդկանց զրկում էր ապրանք գնելու հնարավորությունից։ Քաղցի ուրվականը չոքել էր բանվորական ընտանիքների դռներին, և մարդիկ հարկադրված էին կոպեկների համար կատարել ամենածանր աշխատանքներն անգամ։ Ջեկին շատ մեծ դժվարությամբ հաջողվում է աշխատանք գտնել ջուտի ֆաբրիկայում, որտեղ նա մի ժամում վաստակում էր 10 սենթ։ Միաժամանակ Ջեկը տարվում է ընթերցանությամբ, կարդում է շատ, բայց անկազմակերպ։ Նրա մտահորիզոնը և գիտելիքների պաշարը խորանում ու ընդարձակվում էին։

Այդ ժամանակ «Սան-Ֆրանցիսկո Քոլլ» թերթը հայտարարում է լավագույն պատմվածքի մրցանակաբաշխություն։ Մոր հորդորանքով Լոնդոնը մասնակցում է մրցանակաբաշխությանը․ գրում է «Մրրիկը ճապոնիայի ափերի մոտ» ռեալիստական պատմվածքը։ Այստեղ Լոնդոնը հյութալի ոճով պատմում է ահռելի մրրիկի մասին, ստեղծում է բնության արհավիրքների դեմ մարդկանց մղած պայքարի հուզումնալից տեսարաններ։

Ջեկ Լոնդոնի այդ անդրանիկ պատմվածքն արժանացավ առաջին մրցանակի (25 դոլլար)։ Դա ոգևորեց երիտասարդ գրողին։ Լոնդոնն սկսեց ստեղծել նորանոր պատմվածքներ, սակայն դրանցից և ոչ մեկը չարժանացավ հրատարակիչների ուշադրությանը։

Ջուտի ֆաբրիկայում կատարած ծանր աշխատանքի դիմաց ստացած չնչին գումարը չէր բավարարում Լոնդոնի ընտանիքի պահանջները։ Եվ Ջեկը ստիպված հրաժարվում է ֆաբրիկայում աշխատելուց։ Նա որպես հնոցապան աշխատանքի է ընդունվում էլեկտրակայանում և ամսական ստանում է երեսուն դոլլար։ Այստեղ նա կատարում էր շատ ավելի ծանր աշխատանք, քան ջուտի ֆաբրիկայում։ Իմանալով, որ այդ նույն աշխատանքն իրենից առաջ կատարում էին երկու հոգի և ստանում ավելի բարձր աշխատավարձ, Ջեկը վրդովվում է ու անմիջապես հեռանում աշխատանքից։

Երկար ժամանակ Ջեկը չէր կարողանում աշխատանք գտնել, իսկ պատահական աշխատանքները շատ հազվադեպ էին։ Անգործ Լոնդոնը նորից է սկսում տարվել հարբեցողությամբ։ Մի անգամ նույնիսկ այնքան է խմում, որ ընկնում է ծովը. հոսանքը քշում տանում է գիտակցությունը համարյա կորցրած Ջեկին։ Նրան պատահաբար փրկում է մի ձկնորս։

Երկարատև տնտեսական ճգնաժամի հետևանքով բանվորական ընտանիքների դրությունը դարձել էր անտանելի։ Նրանց նյութական ծանր վիճակը չէր կարող չանդրադառնալ բանվորների տրամադրությունների վրա։ Եվ ահա 1894 թվականին գործազուրկ բանվորների մի հոծ բազմություն կազմակերպում է արշավ դեպի Վաշինգտոն։ Այդ «արդյունաբերական բանակը», ինչպես գործազուրկները անվանում էին իրենց, հետապնդում էր մի նպատակ՝ ստիպել կառավարությանը ֆինանսավորելու հասարակական աշխատանքները, որպեսզի գործազուրկները հնարավորություն ունենան աշխատելու և ապրելու։ Սակայն կառավարության գործակալներին հաջողվում է պառակտում մտցնել «արդյունաբերական բանակի» ղեկավարության մեջ։ Արշավի մասնակիցներից շատ քչերին է հաջողվում Վաշինգտոն հասնել։ Շատերը ետ են մնում։ Ետ է մնում և Ջեկ Լոնդոնը։ Իր գոյությունը պահպանելու համար նա սկսում է աստանդական կյանք վարել: Վերջապես մեծ դժվարությամբ կարողանում է թաքնվել անասուններ տանող վագոնում և հասնել Չիկագո, որտեղ, ինչպես մայրը գրում էր, հնարավոր էր աշխատանք ճարել։ Սակայն այստեղ նա ականատես է լինում ցնցող տեսարանների։ Ծանր տարիներ էին։ Ամերիկան բռնված էր գործադուլային շարժումով, որին մասնակցում էր շուրջ յոթ հարյուր հազար մարդ։ Երկիրը կանգնած էր տնտեսական կրախի առաջ։ Գործադուլը ճնշելու համար կառավարությունը դիմում է զենքի ուժին։ Բանտ է նետվում բանվորական շարժման առաջնորդ Յուջին Դեբսը։ Այս բոլոր իրադարձությունները խոր տպավորություն են թողնում երիտասարդ Ջեկի վրա։

Հենց այստեղ էլ, Նիագարայի ջրվեժի մոտակայքում, նա ընկնում է ոստիկանության ձեռքը և թափառաշրջիկ կյանք վարելու համար ենթարկվում մի ամսվա բանտարկության։

Ջեկ Լոնդոնի այդ շրջանի արկածները, նրա շփումը բանվորների հոծ բազմության հետ, բանվորական ուժը, որի առաջ նահանջում էին նույնիսկ երկաթուղային ընկերությունները, ծանր դրությունից դուրս գալու համար ամեն կարգի հնարամտության դիմելը և այլն, նրա համար հրաշալի դպրոց հանդիսացան։ Նա դառնում է ավելի լրջամիտ, և սկսում մշտական հետաքրքրություն ցուցաբերել դեպի սոցիալիստական շարժումը։ «...Ճանապարհորդության ընթացքում ձեռք բերած փորձը ինձ դարձրեց սոցիալիստ»,— գրում է նա։

1895 թվականին նա վերադառնում է Օքլենդ, հարում է սոցիալիստական շարժմանը և սկսում զբաղվել սոցիալիստական գաղափարների պրոպագանդայով։ Սակայն նա զգում է իր կրթության պակասը։ Այդ պակասը լրացնելու համար Ջեկը լրջորեն զբաղվում է ինքնակրթությամբ. կարդում է մարքսիստական գրականություն. հիմնովին մշակում է «Կոմունիստական մանիֆեստը», ուշի-ուշով հետևում սոցիալիստական գաղափարների հրապարակային քննարկմանը։ Այն ժամանակներն էին, երբ բանվորական շարժման մեջ հանդես էին եկել մի շարք քաղաքական հոսանքներ (սոցիալիստական, անարխիստական, պոպուլիստական և այլն), որոնք ջլատում, զրկում էին նրան մարտական նպատակասլաց կազմակերպություն լինելուց։ Բանվորական շարժման վրա հատկապես բացասական ազդեցություն էր թողնում մանրբուրժուական գրող Բելլամին (1850-1898), որը, որպես ռեֆորմիստ, քարոզում էր անարյուն հեղափոխություն։

Լոնդոնը, սակայն, չէր սահմանափակվում միայն գրքեր կարդալով, նա կրքոտ ելույթներ էր ունենում և բանվորական միտինգներում կոչ էր անում տապալել կապիտալիզմը։

Այս բոլորի հետ միասին Ջեկ Լոնդոնը երբեք չէր դադարում ստեղծագործական աշխատանքի մասին մտածելուց, որի սկիզբը դրված էր դեռ 1893 թվականին։ 1896 թվականից սկսած Լոնդոնը գրում է պատմվածքներ և ուղարկում ամսագրերի խմբագրություններին, բայց դրանք չեն ընդունվում տպագրության և նույնությամբ վերադարձվում են հեղինակին։ Որոշ գրական շրջաններում այն կարծիքն էր տիրում, թե երիտասարդ Լոնդոնի անհաջողության պատճառը նրա անգրագիտությունն էր։ Այդ հանգամանքը թերևս որոշ բացասական դեր խաղացել է, բայց հեղինակի անհաջողության հիմնական պատճառը պետք է վերագրել այն իրադրությանը, որը ստեղծվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների գրական աշխարհում։

Իր առաջ կանգնած դժվարությունները հաղթահարելու նպատակով Լոնդոնը որոշում է մտնել համալսարան, բայց դրա համար պետք է ավարտեր միջնակարգ դպրոցր. և նա մի քանի ամսվա ընթացքում հաջողությամբ հանձնում է միջնակարգի բոլոր քննությունները։ Նույնպիսի հաջողությամբ նա հանձնում է և ընդունելության քննությունները ու դառնում Կալիֆորնիայի համալսարանի առաջին կուրսի ուսանող։ Բայց նա կարողանում է սովորել միայն մեկ սեմեստր։ Խորթ հոր հիվանդության պատճառով ընտանիքն ընկնում է նյութական ծանր կացության մեջ։ Լոնդոնը ստիպված է լինում թողնել համալսարանը և մտնել լվացքատուն աշխատելու։ Բավական է կարդալ «Մարտին Իդենը», որպեսզի ընթերցողը լրիվ պատկերացում ստանա այն տանջալից ու չարքաշ աշխատանքի մասին, որ տանում էր Լոնդոնը այդ լվացքատանը։ Նրա ստացած չնչին աշխատավարձը չէր բավարարում ընտանիքի նվազագույն պահանջներն անգամ։

Ջեկ Լոնդոնը եռանդով ելք էր փնտրում ստեղծված կացությունից. ավելի շահավետ աշխատանք գտնելու նրա բոլոր որոնումները ապարդյուն են անցնում։ Հենց այդ տարիներին էլ լուր է տարածվում, որ Քլոնդայկում հայտնաբերվել են ոսկու հանքեր, և շատ կարճ ժամանակամիջոցում այնտեղ կարելի է միլիոններ դիզել։ Շատ շատերի նման հարստանալու տենչով տարվում է և Լոնդոնը։ Նա թողնում է լվացքատան աշխատանքը և քրոջ ամուսնու հետ միասին, «Ումաթիլլա» նավով, մեկնում է Քլոնդայկ։ Քրոջ ամուսինը, սակայն, հյուսիսի դաժան սառնամանիքներին չդիմանալով՝ ճանապարհի կեսից վերադառնում է տուն։ Լոնդոնը միայնակ շարունակում է իր ուղին և, հաղթահարելով ճանապարհի բոլոր դժվարությունները, վերջապես հասնում է Քլոնդայկ։ Բայց նրա իղձերը չարդարացան, նա չհարստացավ, դեռ ավելին, հիվանդացավ ցինգայով և տուն վերադարձավ բոլորովին դատարկ գրպաններով։ Այսուհանդերձ, Լոնդոնը շատ բան տեսավ. հյուսիսի վեհ ու հիասքանչ տեսարանները, լուռ ու խորհրդավոր անծայրածիր սպիտակ ամայությունները, մարդու պայքարը բնության արհավիրքների դեմ, նրանց, ուրախություններն ու տրտմությունները, հաղթանակներն ու պարտությունները, նրանց կամքի աննկունությունն ու համառությունը Լոնդոնի վրա թողել էին անջնջելի տպավորություն։ Լոնդոնը, բացասական գծերի հետ միասին, մարդու մեջ տեսնում էր և դրական հատկություններ. նա հավատում էր մարդուն, նրա ուժին ու հպարտությանը և համոզված էր, որ լավի հաղթանակը անխուսափելի է։ Եվ այս հավատն անփոփոխ կերպով ուղեկցում էր Լոնդոնին մինչև նրա կյանքի վերջը։

Լոնդոնը եռանդով ու վճռականորեն ձեռնամուխ է լինում ստեղծագործական աշխատանքի, գրում է հյուսիսի կյանքից։ Դեռ ոչ ոք չէր փորձել հյուսիսի թեման մտցնել գեղարվեստական գրականության մեջ։ Ջեկ Լոնդոնի փորձը թարմություն էր մտցնում ամերիկյան դրականության մեջ։ Այդ թեմայով գրված նրա աոաջին պատմվածքը՝ «Նրանց կենացը, ովքեր ճանապարհին են», 1899 թվականին տպագրվում է Կալիֆորնիայում լույս տեսնող «Overland monthly» ամսագրում։ Լոնդոնի ստացած հոնորարը շատ չնչին էր՝ ընդամենը հինգ դոլլար, սակայն երևույթը ուրախալի էր։ Ճանապարհը հարթված էր։ Այժմ կարելի էր ամբողջապես նվիրվել գրական աշխատանքին, որի մասին տարիներ շարունակ երազել և որին եռանդով ձգտել էր Լոնդոնը։ 1900 թվականին լույս է տեսնում նրա «Գայլի որդին» («The son of the Wolf») պատմվածքնեըի ժողովածուն։ Մի տարի անց հրատարակվում է «Նրա նախնիների աստվածը» («The God of His Fathers») պատմվածքների ժողովածուն, իսկ 1902 թվականին՝ պատմվածքների երրորդ ժողովածուն՝ «Սառնամանիքի զավակները» («Children Of the Frօստ»): Այս բոլոր գործերը կազմում են Ջեկ Լոնդոնի «Հյուսիսային պատմվածքների» ցիկլը, որի մեջ մտնում են «Տղամարդկային հավատարմություն» («The Faith of Men» - 1904) և «Կյանքի սերն ու այլ պատմվածքներ» («Love of Life, and other siories» - 1907) ժողովածուները։ Պատմվածքներն «հյուսիսային» են կոչվում այն պատճառով, որ դրանց գործողությունները տեղի են ունենում հյուսիսում։ Լոնդոնը պատկերում է հավիտենական սառնամանիքների սպիտակ թագավորությունը, նրա դաժան օրենքները, մարդկանց պայքարը բնության դեմ, նրանց հաջողություններն ու անհաջողությունները։ Ինչ-որ ընդհանուր բան կա և հերոսների բնավորության գծերի մեջ. նրանք խիզախ են ու հանդուգն, նրանց խորթ է վախի զգացումը։ Հեղինակը հիացմունքով պատկերում է ուժեղն ու հզորը, ջերմ համակրանք է ցուցաբերում դեպի լավն ու ազնիվը, դեպի մաքուրն ու վեհը։ Մարդը գեղեցիկ է պայքարի ու հաղթանակի հասնելու ձգտման մեջ։ Լոնդոնի «Հյուսիսային պատմվածքների» հերոսները բնության դաժան պայմաններում ցուցաբերում են մարդկային վեհ հատկություններ։ Նրանք ընկերասեր, անկեղծ ու հավատարիմ են իրար նկատմամբ։ Նվիրական ընկերության սկզբունքը սրբազան սկզբունք է նրանց համար։ Մեյլմյութ Քիդն ու Մեյսոնը («Սպիտակ Լռություն»), Սիտկա Չարլին և նրա կինը՝ Պասսուկը («Կնոջ արիությոլնը») իրենց մեջ մարմնացնում են անկեղծ հավատարմություն, ընկերասիրություն և մարդկային այլ բարձր հատկություններ։ Լոնդոնն իր պատմվածքներում խիստ դատապարտում է եսասիրությունն ու անտարբերությունը մարդու հանդեպ և ցույց է տալիս, որ փոխադարձ վստահության ու հավատի բացակայությունն անխուսափելիորեն տանում է դեպի կործանում. Բիլլը անհետ կորչում է, որովհետև դավաճանում, լքում է ընկերոջը ամայության մեջ («Կյանքի սերը»)։

Լոնդոնը ստեղծում է ագահ ու շահամոլ մարդկանց բնորոշ կերպարներ, որոնք զուրկ են ազնվությունից ու վեհանձնությունից։ Այդպիսի տիպերը գիշատիչ սարդի պես ծծում են անելանելի դրության մեջ ընկած ճանապարհորդների արյունը և զոհ են դառնում իրենց ագահությանը։ Ջեկոբ Քենթը («Սպիավոր մարդը») իր տնակում գիշերելու համար ճամփորդներից կորզում է ոսկու հատիկներ, բայց կուտակված ոսկին նրան հանգիստ չի տալիս: Նա կորցնում է իր հոգեկան անդորրը։ Վերջ ի վերջո ոսկին նա թաքցնում է երկփողանի հրացանի մեջ, բայց հրացանը պայթում և սպանում է հենց իրեն։

Ջեկ Լոնդոնի ռեալիզմը ցայտուն կերպով դրսևորվում է այնտեղ, որտեղ նա պատկերում է Քլոնդայկի բնիկներին՝ հնդկացի տղամարդկանց ու կանանց։ Նրանք բնության զավակներն են և օժտված են դրական հատկություններով. Ռուֆը («Սպիտակ Լռություն»), Ունգան («Հյուսիսային ոդիսականը»), Պասսուկը անմիջական են ու քնքուշ։ Հնդկացի տղամարդիկ իրենց խիզախությամբ ոլ մեծահոգությամբ գերազանցում են սպիտակամորթներին, որոնք ոսկին դարձրել են իրենց կուռքը և նրա համար պատրաստ են անցնել նույնիսկ հարազատների դիակների վրայով։ Լոնդոնը ցույց է տալիս սպիտակ մարդու դաժանությունը, խորամանկությունն ու նենգամտությունը. նրանք ամենաստոր միջոցներով բնիկներին հասցնում են կործանման եզրին, դա հատկապես նկատելի է «Սառնամանիքի զավակները» ժողովածուի պատմվածքներում («Քիշի որդի Քիշը», «Ծերունիների խորհուրդը»)։ Սակայն բնիկների նկատմամբ ցուցաբերած ջերմ համակրանքի հետ միասին Լոնդոնի այդ շրջանի պատմվածքներում մենք գտնում ենք և ռեակցիոն տեսակետներ, որոնք անհամատեղելի են նրա դեմոկրատական հայացքների հետ։ Այդօրինակ մտքերը գալիս էին «Կարմիր արյան» գրականությունից։ Հնդկացիների պարտությունն ու կործանումը, հեղինակի կարծիքով, անհրաժեշտորեն բխում է նրանց ոչ լիարժեք ռասա լինելուց։ Շատ պատմվածքների միջով անսքող կերպով անցնում է այն միտքը, որ սպիտակ ռասան բարձր է, որ նրան վիճակված է միայն սիրել և ղեկավար դեր խաղալ կյանքում («Արևոտ երկրից եկածները»)։

Լոնդոնի պատմվածքներում դրսևորվում է երիտասարդ գրողի աշխ արհայացքի սահմանափակությունը, նա չէր հասկանում հասարակական զարգացման օրենքները, պարզ պատկերացում չուներ պրոլետարիատի պատմական միսիայի մասին։ Նրա այդ շրջանի պատմվածքներում դեռ բացակայում են մեծ ընդհանրացումները, բայց վերարտադրելով հյուսիսի չքնաղ ու «քաղաքակրթությամբ» դեռ չարատավորված բնությունն ու նրա նույնքան անարատ հերոսներին, Լոնդոնը, ըստ էության, նրանց հակադրում է ապականված կապիտալիստական աշխարհին ու նրա գիշատիչ հերոսներին։ Լոնդոնի հերոսները չեն պայքարում հասարակական շահերի համար. նրանք ռոմանտիկական հովերով տարված միայնակ խռովարարներ են, որոնք ունեն բացառիկ համառություն ու տոկունություն և ձգտում են կյանքում հաստատել անհատականության սկզբունքը։ Այդ «գերմարդկանց» պայքարը ավելի շատ ուղղված է բնության բիրտ ուժերի դեմ, և հաղթանակ է տանում նա, ով ֆիզիկապես ուժեղ է։ Լոնդոնը գտնում էր, որ ուժի օրենքը գործում է ոչ միայն կենդանական աշխարհում, այլև հասարակական կյանքում։ Ուժի օրենքի նման կոնցեպցիան չէր կարող չհանգեցնել սխալ եզրակացությունների, որոնց մասին ասվեց վերևում։

Իր թեմատիկայով և արծարծված գաղափարների տեսակետից «Հյուսիսային պատմվածքներին» հարում է և այդ շրջանում գրված «Ձյուների դուստրը» վեպը («A Daughfer of the Snows» - 1902)։ Վեպի կենտրոնական հերոսոլհուն՝ Ֆրոնա Ուելզին, հեղինակը օժտում է դրական գծերով. նա իդեալական կին է բարի է ու ճշմարտասեր, ողջախոհ ու խելացի, քաջ է, տոկուն, ատում է երկչոտներին։ Ռոմանտիկական բնության այդ անմիջական դուստրը անխնա կերպով խարազանում ու ծաղրում է «քաղաքակրթության» պայմանականություններն ու հասարակական կարծիքը, սիրում է ազատ բարքեր, գտնում է, որ սեռերի և առհասարակ մարդկանց փոխադարձ հարաբերությունները պետք է հենված լինեն ազնվության, անկեղծության և արդարության սկզբունքների վրա։ Ֆրոնան հիանում է համարձակ ու հանդուգն մարդկանց արարքներով, անարգանքի սյունին է գամում մարդկային ստոր գծերը․ նենգությունը, խարդախությունն ու խաբեբայությունը, նրա կարծիքով, միայն թուլության արտահայտություններ են։

20-րդ գարի շեմքին Լոնդոնն արդեն դարձել էր անվանի գրող, բարելավվել էր նրա նյութական դրությունը։ Այժմ Լոնդոնի տանը հավաքվում էին զանազան զբաղմունքի տեր մարդիկ գրողներ, արվեստագետներ և քաղաքական գործիչներ. այդ հանդիպումներր նպաստում էին Լոնդոնի մտահորիզոնի ընդարձակմանը և քաղաքական գիտելիքների խորացմանը։ Նա զբաղվում էր բանվորական շարժման հարցերով, ակտիվ կերպով մասնակցում քաղաքական վեճերին, որոնք կապված էին սոցիալիստական բանվորական պարտիայի առաջ ծառացած քաղաքական խնդիրների տարբեր ըմբռնման հետ։ Միաժամանակ նա ուշադիր կերպով հետևում է և գեղարվեստական գրականության նորություններին, հիացմունքով խոսում կյանքի գռեհիկ երևույթները բացահայտող քննադատական ռեալիզմի լավագույն վեպերի մասին, բարձր գնահատական է տալիս Գորկու «Ֆոմա Գորդեև» վեպին (1899)։

1902 թվականին Ամերիկյան Մամուլի Միությունը Լոնդոնին, որպես թղթակից ուղարկում է Աֆրիկա, որտեղ այդ ժամանակ տեղի էր ունենում անգլո-բուրական պատերազմը։ Երբ նա ժամանեց Լոնդոն, պատերազմական գործողություններն արդեն ավարտված էին։ Նույն այդ Միության հանձնարարությամբ նա մնում է Անգլիայի մայրաքաղաքում, որպեսզի ներկա գտնվի Էդուարդ VII-ի թագադրման հանդեսին։ Այստեղ Լոնդոնն ապրում էր քաղաքի ամենախուլ ու ետ ընկած East end բանվորական թաղամասում։ Բայց որպեսզի բանվորները չխուսափեն իր հետ շփում ունենալուց, և ինքը մուտք ունենա ամեն տեղ, նա հագնում է ցնցոտիներ և հնամաշ կոշիկներ, դնում է կեղտոտ գլխարկ և, այդպիսով, կարողանում է աղաղակող փաստեր հավաքել մայրաքաղաքի հասարակ մարդկանց անգույն գոյության պայմանների մասին, ականատես է լինում անասելի չքավորության, քաղցի, սարսափելի հյուծվածության ու մահաբեր հիվանդությունների ծանր տեսարանների։

Հետևելով Գորկու օրինակին՝ հավաքած փաստերի հիման վրա Լոնդոնը գրում է իր հռչակավոր «Անդունդի մարդիկ» ռեալիստական գիրքը։

1904 թվականին լույս է տեսնում Լոնդոնի «Ծովագայլ» («The Sea Wolf») վեպը։ Այստեղ ըստ էության հեղինակը մերկացնում է Նիցշեի անհատապաշտական փիլիսոփայությունը, որն այնպես եռանդով գովերգում էր իր «Ձյուների դուստրը» վեպում։ Մի կողմից նա պատկերում է անհատապաշտ նավապետ Լարսենին, մյուս կողմից` նավաստիներին։ Լարսենը մարմնացնում է Նիցշեի փիլիսոփայությունը։ Նա ցինիկ է, բոլորովին զուրկ բարոյական նորմաներից։ Նրա կարծիքով, կյանքում գոյության իրավունք ունեն միայն ուժեղները, իսկ թույլ ու տկար մարդիկ ենթակա են ստրկացման. դեռ ավելին՝ ուժեղը պետք է խժռի թույլերին, եթե չի ուզում, որ իրեն խժռեն ուրիշները։ Այդպիսին են բուրժուական հասարակության գայլային օրենքները։ Եվ կյանքում կիրառելով իր գազանային փիլիսոփայության սկզբունքները՝ նա դաժանորեն ճնշում է նավաստիներին։ Ընթերցողի մոտ ստացվում է այնպիսի տպավորություն, որ Լարսենը «գերմարդ» է, սակայն այդ տպավորությունը անցողիկ է։ Նավապետը մեկուսացվում է, տառապում է մենակության մեջ և անզոր է դիմադրելու կոլեկտիվի կամքին, նա դատապարտվում է կործանման։ Այսպիսով, Լոնդոնը ցույց է տալիս Նիցշեի «գերմարդու» փիլիսոփայության սնանկությունը։

Նույն 1904 թվականին «Էքզամիներ» թերթի խմբագրության առաջարկով Ջեկ Լոնդոնը, որպես զինվորական թղթակից, մեկնում է հեռավոր Արևելք, որտեղ արդեն սկսվել էին պատերազմական գործողությունները Ռուսաստանի ու Ճապոնիայի միջև։ Նրան մեծ դժվարությամբ հաջողվում է անցնել Կորեա և ապա՝ Մանջուրիա։ Այստեղ նա մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի ռազմաճակատ ընկնի, սակայն շատ ակտիվ լինելու համար նրան նույնիսկ ձերբակալում են։ Չնայած ճապոնական միլիտարիստների հարուցած արգելքներին, Լոնդոնը, այնուամենայնիվ, ականատես է լինում նրանց գազանություններին, տեսնում է պատերազմի քայքայիչ հետևանքները և խոր ատելությամբ է լցվում դեպի պատերազմն ու այն սանձազերծող իմպերիալիստները։

Ռուսաստանում ծավալվող հեղափոխական դեպքերը զգալիորեն աշխուժացնում են բանվորական շարժումն Ամերիկայում։ Այդ շրջանում գրված մի շարք պատմվածքներում Լոնդոնը մերկացնում է ամերիկյան իրականության արատավոր բնույթը («Խաղ» - 1905 թ., «Ուրացողը» - 1906 թ., «Մի կտոր միս» - 1907 թ.). նա մեծ ոգևորությամբ հրապարակային դասախոսություններ է կարդում սոցիալիզմի մասին, քննադատում է կապիտալիզմի կեղեքիչ բնույթը և կանխատեսում է բուրժուական հասարակության անխուսափելի կործանումը։ Պատահական, չէ, որ նրա այդ շրջանի բոլոր գործերը տոգորված են լավատեսական տրամադրություններով. այդպիսիք են, օրինակ, «Սպիտակ ժանիքը» («White Fang» - 1906 թ.), «Կյանքի սերը» և ուրիշներ։ Նույն այդ տարիներին Ջեկ Լոնդոնը գրում է մի շարք քաղաքական հոդվածներ՝ «Դասակարգերի պատերազմը» («The war of classes» - 1905 թ.), «Հեղափոխություն» («The Revolution» - 1905 թ.), «Ինչ է ինձ համար կյանքը» (1906 թ.) և այլն, որոնց մեջ փայլուն կերպով բացահայտում է ամերիկյան իրականության սոցիալական արատները, խոսում է դասակարգային սուր պայքարի մասին և հիմնավորում է սոցիալիստական հեղափոխության անխուսափելիությունը։ Այս տեսակետից հատկապես արժեքավոր են նրա «Հեղափոխություն» և «Դասակարգերի պատերազմը» հոդվածները, որոնք գրված են ռուսական դեպքերի թարմ տպավորության տակ։ Մարտահրավեր կարդալով ռեակցիոն դասակարգերին՝ Լոնդոնն իր «Հեղափոխություն» հոդվածում ողջունում է ռուս հեղափոխականների սխրագործությունները։

Լոնդոնի գրվածքների մեջ այդ շրջանում յուրահատուկ տեղ են գրավում այսպես կոչված «Անիմալիստական» վիպակները, որոնցից աչքի են ընկնում «Նախնիների կանչը» («The Call of the Wild» - 1903 թ.) և մանավանդ, «Սպիտակ ժանիքը»։ Այս գրքերում Լոնդոնը քարոզում է գոյության պայքարի գաղափարը, որը, նրա կարծիքով, թագավորում է ինչպես կենդանական աշխարհում, այնպես էլ կապիտալիստական հասարակության մեջ։

«Սպիտակ Ժանիքը» լավատեսական վիպակ է։ Լոնդոնը խորապես հավատում էր լավի ու առաքինության հաղթանակին, և դա շատ պարզորոշ կերպով դրսևորվում է հենց այս վիպակում։ Եթե Սպիտակ Ժանիքը հաղթանակով է դուրս գալիս գոյության պայքարի ու կյանքի արհավիրքների խորխորատներից, ապա դա բացատրվում է միայն նրանով, որ նա ուներ բնական ուժ ու առողջ օրգանիզմ։ Դրա հետ միասին վիպակում հեղինակը նկատելի կերպով քարոզում է սիրո ու մարդասիրության գաղափարները։ Եթե Գեղեցիկ Սմիթը իր մեջ խորացնում է բռնությունն ու դաժանությունը, ապա դատավոր Ուինդոն Սքոթը հանդես է գալիս որպես սիրո ու հոգատարության սկզբունքների ներկայացուցիչ, հենց այդ արժանիքների շնորհիվ էլ վերջինիս հաջողվում է դաստիարակել Գայլին։ Սպիտակ Ժանիքն ատում էր իրեն տանջող բիրտ Գեղեցիկ Սմիթին, բայց սիրում ու պաշտում էր բարի Սքոթին։ Այս բոլորի հետ մի ասին նկատելի է և այն, որ Լոնդոնը կապիտալիստական հասարակության ու կենդանական աշխարհի դաժան օրենքները նույնացնում է իրար հետ։

Իր քարոզած սոցիալիստական գաղափարները Լոնդոնը փայլուն կերպով մարմնավորում է «Երկաթե կրունկ» («The Iron Heel» - 1908 թ.) գրքում։ Այստեղ հեղափոխական ռոմանտիկան սքանչելի կերպով միահյուսվում է հեղինակի ռեալիստական մեթոդի հետ և վեպին տալիս է մարտական բնույթ։ Այս վեպն արժեքավոր է նրանով, որ խոր հավատ է տածում դեպի սոցիալիզմի մարտական ուժերը և իր էությամբ ժողովրդային է։

Գրքում հեղինակը շոշափում է ամերիկյան բուրժուական իրականության հիմնական հարցերը, նա սուր քննադատության է ենթարկում մարդու շահագործումը, ցույց է տալիս դասակարգային հակասությունները, պետական պաշտոնյաների չարաշահումները, պատկերում է եկեղեցու հավատարիմ ծառայությունը տիրող դասակարգերի շահերին և նրա անփառունակ դերը դասակարգային պայքարի պրոցեսում, բացահայտում դատարանի ու մամուլի վաճառվածությունը։ Նա մերկացնում է կապիտալիստների ու նրանց գործակալների պայքարի պրովոկացիոն մեթոդները։ Լոնդոնը զայրույթով է խոսում այն մասին, որ ամերիկյան ժողովրդի բախտը տնօրինում են մի բուռ միլիարդատերեր, որոնք առառնորդվում են միայն եսամոլական ու շահադիտական սկզբունքներով։

Վեպում Լոնդոնը ստեղծում է լիարյուն ռեալիստական կերպարներ, որոնք պայքարում են ոչ թե նրա համար, որ կյանքում հաստատեն իրենց «եսը», ինչպես հիմնականում անում էին նրա «Հյուսիսային պատմվածքների» հերոսները։ Նրանց պայքարի առաջնակարգ խնդիրը սեփականատիրական արատավոր սիստեմի ոչնչացումն է հանուն մարդկության գալիք երջանկության։ Այս տեսակետից էլ Լոնդոնի հերոսները բոլորովին նոր հերոսներ էին. նոր էին նրանք ոչ միայն իրեն՝ Լոնդոնի, ստեղծագործության մեջ։ Նրանք նորություն էին և ամբողջ ամերիկյան գրականության մեջ։ Այդպիսին է ամենից առաջ Էրնստ Էվերհարդը՝ վեպի կենտրոնական հերոսը։ Նա անձնազոհ հեղափոխական, համոզված սոցիալիստ է, ուժեղ է իր ռոմանտիկայով և շատ լավ հասկանում է հասարակական զարգացման օրենքները։ Նա իր որոշումների մեջ աննկուն է ու վճռական և անխնա կերպով պայքարում է ժողովրդի երջանկության համար. Էվերհարդը իր կյանքն ամբողջապես նվիրաբերել է այդ պայքարին, և որպես այդպիսին, անկասկած, ժողովրդական հերոս է։ Նա այն համոզմունքն է հայտնում, որ բանվոր դասակարգին անպայման կհաջողվի իշխանությունը գրավել ընտրությունների միջոցով, բայց եթե կապիտալիստները դիմադրեն, այն ժամանակ նա կպատասխանի զինված ապստամբությամբ և իշխանությունը կվերցնի բռնի ուժով։ Այդպիսին է պատմության մատերիալիստական զարգացման երկաթե օրենքը։ Էվերհարդը մետաֆիզիկներ է անվանում բոլոր նրանց, ովքեր չեն հասկանում այդ պարզ ճշմարտությունը։

Նոր է և Էրնստի կնոջ Էվիսի կերպարը։ Հեղինակը այդ կերպարի մեջ խտացնում է լավագույն հատկություններ և ստեղծում է իդեալական կնոջ կերպար։ Էվիսն անկեղծ է ու ազնիվ, խելացի է ու նրբազգաց, լինելով ի բնե անմիջական բնավորություն, նա չի հանդուրժում կեղծ պայմանականությունները։ Էվիս Էվերհարդը սիրում է իր ամուսնուն, սիրում է ոչ միայն նրա համար, որ նա ուժեղ է, խելացի ու ֆիզիկապես գեղեցիկ. նա սիրում է ամուսնուն նրա անկեղծության ու վճռականության համար։ Էվիսը ևս ամուսնու պես հասարակական շահերը իր անձնականից բարձր է դասում և ակտիվ եռանդով օգնում է Էվերհարդին. նա կատարում է ամուսնու ամենապատասխանատու հանձնարարությունները և, այդ տեսակետից, լրացնում է Էրնստ Էվերհարդի կերպարը։

Այս վեպը մեծ խանդավառությամբ ողջունեցին բոլոր առաջավոր հայացքների տեր գրողներն ու անվանի գործիչները, այդ թվում, և Անատոլ Ֆրանսն ու Լունաչարսկին։ Վերջինս Ջեկ Լոնդոնի «Երկաթե կրունկն» անվանեց «իսկական սոցիալիստական գրականության առաջին երկերից մեկը»։ Ու. Ֆոստերը նույնպես բարձր գնահատական է, տալիս այդ գրքին և ընդգծում է, որ այն որոշ իմաստով կանխատեսում էր ֆաշիզմի զարգացման անխուսափելիությունը։

Բուրժուական պրոպագանդան սկսում է կատաղի հալածանք Լոնդոնի դեմ, դիմում է ամենաստոր միջոցների, որպեսզի վարկաբեկի արդեն համաշխարհային հոչակ ստացած գրողին։ Լոնդոնի շուրջն ստեղծվում է անհանդուրժելի իրադրություն։ Այլևս հնարավոր չէր մնալ Ամերիկայում։ Նա որոշում է գոնե ժամանակավորապես հեռանալ երկրից։ 1907 թվականի ապրիլի 22-ին, կարմիր դրոշ բարձրացնելով իր «Սնարք» առագաստանավի վրա, կնոջհ Չարմիան Քեթրիջի հետ միասին նա թողնում է Օքլենդը՝ նպատակ ունենալով ճանապարհււրդություն կատարել աշխարհի շուրջը։

Նավի վրա Լոնդոնը սուզվում է ստեղծագործական աշխատանքի մեջ. այստեղ նա ավարտում է իր «Երկաթե կրունկը», ստեղծում է իր ամենախոշոր վեպը՝ «Մարտին Իդենը», և բազմաթիվ այլ պատմվածքներ, որոնք նվիրված էին Խաղաղ օվկիանոսի կղզիների բնիկների նիստուկացին, հավատալիքներին ու սովորույթներինt Միաժամանակ Լոնդոնը շատ է կարդում. կարդում է Իբսենին, Մոպասանին, Բերնարդ Շոուին և Հոուելլսին։

Ըստ Լոնդոնի կազմած պլանի՝ այդ ճանապարհորդությունը պետք է տևեր յոթ տարի, սակայն Ավստրալիայի մերձակա ջրերում նա հիվանդանում է տրոպիկական տենդով և, հարկադրված, 1909 թվականի ամռանը վերադառնում է Կալիֆորնիա։ Այստեղ նա վերջնականապես հաստատվում է Լուսնի հովիտ կոչված անտառապատ վայրում, որտեղ դեռ 1905 թվականին գնել էր մի հողամաս։

Լոնդոնը այդ ճանապարհորդությունից վերադարձավ թարմ տպավորությունների նոր պաշարով, որի հիման վրա ստեղծեց իր այսպես կոչված «Ծովային» պատմվածքները։ Բայց նրա բերած լավագույն գործը «Մարտին Իդեն» («Martin Eden») վեպն էր, որ իրավամբ դասվում է համաշխարհային գրականության գլուխգործոցների շարքը։

Վեպը սկզբում մաս-մաս տպագրվում է «Pacific Monthly» ամսագրում, իսկ 1909 թվականի աշնանը հրատարակվում է առանձին գրքով։

«Մարտին Իդենը» պատկերում է ժողովրդի ծոցից դուրս եկած գրողի ճակատագիրը բուրժուական հասարակության պայմաններում։ Թեման ինքնստինքյան նորություն չէր ամերիկյան գրականության մեջ, այն իր արտացոլումը գտել էր Ֆուլլերի «Էբներ Ջոյս» վիպակում (1901) և Սինքլերի «Արթուր Սթիրլինգի օրագիրը» վեպում (1903)։ Նույն այդ թեման հետագայում շոշափվում է Թեոդոր Դրայզերի հանրածանոթ «Հանճար» վեպում (1915)։ Սակայն Մարտին Իդենի կերպարը զգալի կերպով տարբերվում է մինչ այդ գրականության մեջ մուտք գործած արվեստագետների ու գրողների կերպարներից, տարբերվում է նրանով, որ նա իր ծագումով ու դրությամբ պատկանում է ամերիկյան հասարակության ամենաստորին շերերին։ Ի տարբերություն իր նախորդների, նա ողջախոհ է, համառ, համարձակ է, մարտնչող ու նպատակասլաց։ Իդենը պաշտպանում է դեմոկրատական արվեստի սկզբունքները, մի բան, որ չկա ոչ Սինքլերի և ոչ Էլ Դրայզերի վեպերում։ Բացի այդ, շատ պարզ է և վեպի կառուցվածքը. նրա մեջ զուգահեռ գործողություններ չկան, բոլոր դեպքերն ու դեմքերը պտտվում են Իդենի շուրջը և այս կամ այն չափով կապված են նրա անձնավորության հետ։ Վեպը լի Է հակադրություններով. հեղինակը հակադրությունների մեթոդը օգտագործում է ոչ միայն առանձին հերոսներին ու նրանց հոգեկան աշխարհը պատկերելիս։ Նա ստեղծում Է և սոցիալական հակասությունների ցայտուն պատկերներ. մի կողմից՝ պատկերում է ծայրահեղ չքավորության մեջ ապրող աշխատավոր մարդկանց՝ Իդենի, Ջոյի, Մարիայի, Լիզզի Քոնոլիի չարքաշ կյանքը, նրանց ֆիզիկական ու հոգեկան տառապանքները և լվացքատան հյուծիչ աշխաաանքը, մյուս կողմից՝ փարթամության ու ճոխության մեջ ապրող բուրժուաների ու նրանց արբանյակների զեխ կյանքը։

Այդ երկու աշխարհները հենվում են բոլորովին տարբեր էթիկական սկզբունքների վրա. աշխատավորության աշխարհին յուրահատուկ են մարդկային այնպիսի հատկություններ, որոնք բացառում են կեղծիքը, ստախոսությունը, խաբեությունն ու շահամոլությունը։ Կապիտալիստական աշխարհը լիովին հենվում է հենց այդ ստոր բարոյական նորմաների վրա։ Հասարակ մարդկանց աշխարհը ազնվության, անկեղծության, փոխադարձ օգնության, մարդասիրության ու արդար աշխատանքի միջավայր է, մինչդեռ մորզերի, բեթլերների ու բլոունդների աշխարհը կառուցված է մերկ դրամական հաշիվների վրա։ Հարստության ու բարձր դիրքի հասնելու համար նրանք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում, սերը, ընկերությունը, ազնվությունն ու մաքրությունը, մի խոսքով՝ մարդկային բոլոր բարձր հատկությունները զոհաբերվում են մամոնային, իսկ դրամական հաշիվները չեն կարող չծնել ագահություն, նենգություն ու մարդկային վեհ զգացմունքների ոտնահարում։ Այս աշխարհի արտաքին փայլի տակ թաքնվում է կեղտը։

«Մարտին Իդենի» յուրաքանչյուր հերոսը իր մեջ խտացնում է տվյալ դասակարգի բարոյական ու իրավական նորմաները։ Վեպի կենտրոնական հերոսը՝ Մարտին Իդենը, իր բնավորության գծերով մորզերի ու բեթլերների հակապատկերն է. նա ազնիվ է ու վեհանձն, սիրում է աշխատանքր, սիրում է ճշմարտությունը։ Միաժամանակ նա ունի բարձր ձգտումներ և այդ ձգտումները իրականացնելու համար ֆիզիկապես ու մտավորապես ուժեղ անհատի բոլոր տվյալները։ Նա ուզում է գրող դառնալ, և այդ նպատակին հասնելու համար Իդենը գերմարդկային ճիգեր է թափում, որպեսզի հաղթահարի իր առաջ կանգնած դժվարությունները։ Ռուֆի սերը թեթևացնում է նրա պայքարը, ոգեշնչում ու առաջ է մղում նրան։ Այդ սերը նրան կապում է բուրժուական աշխարհի հետ, և ինչքան հաճախ է նա շփվում այղ աշխարհի ներկայացուցիչների հետ, այնքան ավելի է խորանում նրա հիասթափությունը։ Նա համոզվում է, որ բուրժուական դեմոկրատիան կեղծ է, կեղծ են և՛ կրթության սիստեմը, և՛ հրատարակչական օրենքները, որոնք քողարկվելով դեմոկրատական ֆրազներով, արտահայտում են միայն բուրժուազիայի շահերը։ Իր գրած պատմվածքները հրատարակելու նրա բոլոր ջանքերը ապարդյուն են անցնում. ապարդյուն են անցնում այն պարզ պատճառով, որ նրանք վերարտադրում են կյանքի ճշմարտությունը, մինչդեռ շուկան ողողող գրականությունը աղավաղում է կյանքը։ Կյանքն ինքնըստինքյան գեղեցիկ է, բայց նրան շրջապատում են այլանդակությունն ու գռեհկությունը։ Իդենը ուզում է պատկերել կյանքն այնպես, ինչպես որ կա իրականության մեջ, իսկ դա նշանակում էր խախտել բուրժուական հասարակության ընդունված նորմաները։ Ահա թե ինչու, երբ նա Ռուֆի մոտ կարդում է իր «Կաթսա» պատմվածքը, վերջինս սարսափում է պատմվածքի ռեալիստական բովանդակությունից։ Բայց «Դա կյանք է,— առարկում է Իդենը,— իսկ կյանքը միշտ չէ, որ գրավիչ է»։

Մարտին Իդենը շատ շուտով հայտնաբերում է, որ իր անհաջողության պատճառը կյանքի հենց այդ ճշմարտացի արտացոլումն է։ Բայց նյութական ծանր պայմանները նրան հարկադրում են հարմարվել «բարձր» հասարակության այլասերված պահանջներին։ Իդենը «դավաճանում է» իր սկզբունքներին, հասնում է աղմկալից հաջողության ու դառնում է հանրահայտ գրող։ Սակայն հենց այդ գլխապտույտ հաջողության մեջ էլ առկա էին նրա ողբերգության տարրերը։ Բուրժուական աշխարհը, որը նա առաջ իդեալականացնում էր, հոգեկան պահանջներից զուրկ, ողորմելի մարդկանց միջավայրը, որը առաջ այնպես հրապուրում էր Իդենին, նրա առջև կանգնում է ամբողջ մերկությամբ, խոր հիասթափությունը նրան գցում է սոցիալական փակուղու մեջ, որից դուրս գալու միակ ելքը մնում էր ինքնասպանությունը։

Վեպում փայլուն կերպով մերկացվում է Նիցշեի «գերմարդու» տեսությունը։ Ինքը հեղինակն էլ հայտարարում է, որ «Մարտին Իդենն» ուղղված է անհատապաշտության դեմ։ Ճիշտ է, Մարտին Իդենը ուժեղ հերոս է, նա չի ուզում հաշտվել իր ողորմելի վիճակի հետ, ուզում է հաղթահարել սոցիալական արգելքները և վեր բարձրանալ հասարակական սանդուղքով։ Նա ընտրում է Բեթլերի ուղին։ Սոցիալիզմը նրան չի հրապուրում։ Վեպում պատկերված միակ սոցիալիստի կերպարը՝ Բրիսսենդենը, թույլ է ու ողորմելի. վերջինս սոցիալիստ դարձավ միայն այն պատճառով, որ ատում էր կապիտալիզմը։ Բրիսսենդենի կերպարը փաստորեն սոցիալիստի ծաղրանկարն է։ Բայց մի՞թե դա նշանակում է, որ Մարտին Իդենը նիցշեական է, ինչպես պնդում են բուրժուական քննադատները։ Բոլորովին էլ ոչ։ Իդենի ողբերգական վախճանը հենց շեշտում է անհատապաշտության տեսության սնանկությունը։ Նիցշեի «շիկահեր խարդախ մարդը» ատում էր թույլերին. նա քարոզում էր բռունցքի փիլիսոփայություն, պահանջում էր «հարվածել ընկածին». նրա բարոյականությունը գազանի բարոյականություն էր։ Այլ է Մարտին Իդենի բարոյականությունը. նա բարի է, հումանիստ, ամեն քայլափոխում ցուցաբերում է մարդասիրական վերաբերմունք։ Իդենը սիրում է մարդուն, սիրում է հատկապես կյանքից մերժվածներին ու թույլերին։

Մարտին Իդենի գործունեությունը ոչ մի ընդհանուր բան չունի Նիցշեի եսամոլական ու մարդատյաց փիլիսոփայության հետ։

1906—1912 թվականներին Լոնդոնը միաժամանակ լույս է ընծայում մի շարք այլ ժողովածուներ՝ «Ճանապարհը» («The Road» — 1907), «Դեմքը կորցրած մարդը» («Lost Face» — 1910), «Երբ աստված ծիծաղում է» («When God Laughs» — 1911) և այլն։ Այդ ժողովածուների մեջ հեղինակը շարունակում է հիմնականում մշակել իր նախկին թեմաները։ Դրանց հետ միասին, իր կատարած ճանապարհորդության թարմ տպավորությունների տակ, Լոնդոնը ստեղծում Է նոր երկեր՝ «Հարավային ծովերի պատմվածքներ» («South Sea Tales» — 1911), «Արևի որդին» («Տօո of the Sun» — 1912) և «Հպարտության տաճարը» («The HoUSe of Pride» — 1912)։

Այս վերջին Ժողովածուների մեջ Լոնդոնը ստեղծում Է մի շարք ուժեղ տեսարաններ, որոնք մերկացնում են անգլիական, ֆրանսիական ու ամերիկյան իմպերիալիստների դաժան քաղաքականությունը բնիկների նկատմամբ։ Անկասկած, դրական երևույթ պետք է համարել, որ Լոնդոնը նորից է անդրադառնում այդ թեմային և դատապարտում շահագործումն ու բռնությունը մարդու նկատմամբ («Մոպուի տունը»)։ Բայց դրա հետ միասին, այստեղ դրսևորվում են և հեղինակի ռասայական նախապաշարմունքները, որոնք իջեցնում են այդ երկերի գեղարվեստական արժեքը։

1910 թվականին հրատարակվում է Լոնդոնի «Բոցավառ Արշալույս» («Burning Daylight») վեպը, որի քննադատական ռեալիզմը հիշեցնում է հեղինակի լավագույն գործերը: Այստեղ Լոնդոնը մերկացնում է Ամերիկայի ֆինանսական աշխարհի գայլային օրենքները։ Հեղինակն այն տեսակետն է հայանում, որ խիղճը չկորցրած մարդը չի կարող երկար ապրել այդ ապականված միջավայրում, նա վաղ թե ուշ, եթե միայն չի կորցրել իր մարդկային կերպարանքը, կապերը պետք է խզի նրա հետ։

Ապականված բուրժուական հասարակության ֆոնի վրա Լոնդոնը պատկերում է Էլամ Հարնիշին, որի կյանքի ճանապարհը բաժանվում է երկու շրջանի։ Առաջին շրջանում նա ևս վարակվում է միլիոններ դիզելու թույնով և մասնակցում ոսկեխույզների արշավանքին։ Նա դառնում է միլիոնատեր, վարում է շվայտ ու ցոփ կյանք, անձնատուր լինում կերուխումին և ենթակա մարդկանց նկատմամբ ցուցաբերում բիրտ վերաբերմունք։ Սակայն բնությունն ու Դեդ Մեսսոնի սերը միանգամայն վերափոխում են նրա հոգեկան աշխարհը։ Մեսսոնին հանդիպելու պահից սկսվում է Հարնիշի կյանքի երկրորդ շրջանը։ Սիրո ազդեցության տակ նա դառնում Է հումանիստ, աշխատում է բարելավել բանվորների դրությունը. իր միլիոնները նա նվիրաբերում է Օքլենդի ու մերձակա քաղաքների բարեկարգության ֆոնդին, կապերը խզում Է ֆինանսիստների միջավայրի հետ ու վերջնականապես հաստատվում է Լուսնի հեքիաթային հովտում ու կյանքի մնացորդը, Մեսսոնի հետ միասին, անց է կացնում իր փոքր ֆերմայում։

1910 թվականից սկսած Լոնդոնի ստեղծագործության մեջ նկատվում է բեկում։ Այդ բեկումն արտահայտվում է ոչ միայն նրանով, որ նա սկսում է իդեալականացնել ընտանեկան երջանիկ կյանքը, այլև նրանով, որ այդ շրջանի գործերում ավելի ու ավելի ակնբախ են դառնում ռեակցիոն տեսակետները, որոնք անհամատեղելի էին նրա սոցիալիստական գաղափարների հետ։

Այդ բեկումն արդեն դրսևորվում է նրա «Արկած» («Adventlire») վեպում, որտեղ Լոնդոնը մռայլ դույներով պատկերում է վայրագ կատաղությամբ աչքի ընկնող նեգրերին։

Վեպի գործողությունը տեղի է ունենում Բերանդա պլանտացիայում (Սողոմոնյան կղզիներում), որը պատկանում է սպիտակամորթ Դևիդ Շելդոնին։ Վերջինս իր մեջ մարմնացնում է «գերմարդուն» հատուկ գծեր։ Որպես «բարձր ռասայի» ներկայացուցիչ, նա անպարտելի է, գործում է «ուժեղի իրավունքի տեսակետից» և չտեսնված դաժանությամբ ճնշում է իրեն ենթակա նեգր բանվորների ամենաթեթև դժգոհությունը, խստորեն պատժում բոլոր նրանց, ովքեր փորձում են փախչել անմարդկային շահագործումից։ Լոնդոնն արդարացնում է սպիտակամորթների բիրտ վերաբերմունքը նեգր բանվորների նկատմամբ։ «Ամենից առաջ նրանց հարկավոր է սանձահարել...— քամահրանքով ասում է Շելդոնը Ջեյնին, փորձելով արդարացնել իր դաժանությունը բանվորների նկատմամբ։— Դուք չգիտեք նեգրերին... նրանք կանգնած են զարգացման ավելի ցածր աստիճանի վրա, քան ամերիկյան նեգրերը»։

Նման դատողությունները չէին կարող ստվեր չգցել Լոնդոնի տաղանդի վրա։ Ճիշտ է, վեպում հեղինակն իր քննադատության սուր սլաքները երբեմն ուղղում է և սպիտակամորթների դեմ. օրինակճ Ջեյնը Շելդոնին խորհուրդ է տալիս չտեղափոխվել Թաիթի, որտեղ և՛ բնությունն է հրաշալի, և՛ բնիկները հաճելի մարդիկ են։ «Բայց սպիտակամորթները,— բացականչում է նա,— իսկական ավազակներ, գողեր են, կողոպտիչներ ու խարդախ մարդիկ...», իսկ «դատավորներն այնտեղ նույնպես կաշառակերներ են, ինչպես և մյուս սպիտակամորթները»։ Նրանք ագահ են ու փողասեր, ոսկի ձեռք բերելու համար ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում։ Սակայն վեպի ընդհանուր սյուժետային գիծն ուղղված է նեգրերի դեմ։ Հեղինակն իր սպիտակամորթ հերոսների հետ միասին նրանց անվանում է «ստոր արարածներ», որոնք արժանի չեն մարդասիրական վերաբերմունքի. նրանց հնազանդության մեջ կարող են պահել միմիայն արհամարհանքը, դաժանությունն ու խարազանը։ Վեպում սկզբից մինչև վերջ զգացվում է բնիկների խոր ատելությունը դեպի իրենց կեղեքողներն ու շահագործողները, սակայն Լոնդոնը չի բացահայտում այդ ատելության սոցիալական պատճառները, չի մերկացնում սպիտակամորթ գիշատիչների արյունարբու քաղաքականությունը բնիկների նկատմամբ։

Այս բեկումը, իհարկե, պատահական երևույթ չէր, դա բխում էր այն սոցիալական պայմաններից, որոնց մեջ գտնվում էր գրողը։ Լոնդոնը որպես ռեալիստ գրող սիրում էր ասել ճշմարտությունը, իսկ դա չէր կարող չանդրադառնալ նրա նյութական վիճակի վրա։ Նա, հարկադրված, իջնում է իր հրաշալի վեպերի ու պատմվածքների գեղարվեստական բարձրությունից և համակերպվում բուրժուական ընթերցողի ճաշակին։ Սրանով է պայմանավորված «Արկածի» ծնունդը։

20-րդ դարի 10-ական թվականներին Ամերիկայի սոցիալիստական շարժման մեջ խիստ ուժեղանում են օպորտունիստական հակումները։ 1912 թվականին սոցիալիստական կոնֆերանսի ընդունած որոշումը փաստորեն նշանակում էր հրաժարում պայքարի հեղափոխական մեթոդներից։ Այդ որոշումը բանվորական շարժման ղեկավարությանը իրավունք էր տալիս կուսակցության շարքերից վտարել բոլոր նրանց, ովքեր կողմնակից էին պայքարի բռնի միջոցների։ Այս հանգամանքը չէր կարող խոր հիասթափություն չպատճառել Լոնդոնին. նա հեռանում է քաղաքական կյանքից, փակվում է իր ռանչոյում և գրում «Լուսնի հովիտ» («The Valley Of the Moon» — 1913) վեպը։

Վեպում պարզորոշ կերպով արտացոլվել են այն հակասությունները, որոնք հատուկ էին Լոնդոնի այդ շրջանի աշխարհայացքին։ Մի կողմից՝ նա պատկերում է դասակարգային պայքարի անմոռանալի տեսարաններ, որոնց ռեալիստական թափը հիշեցնում է «Երկաթե կրունկի» փայլուն էջերը, մյուս կողմից՝ փորձում է հիմնավորել և արդարացնել Սաքսոնի ու Բիլլի՝ վեպի գլխավոր հերոսների, հրաժարումը հասարակական կյանքից։ Վեպի վախճանը ցույց է տալիս, որ Լոնդոնը փաստորեն քողարկում է սոցիալական հակասությունները և բռնում դասակարգերի հաշտեցման ուղին։ Վեպի այդօրինակ կեղծ կոնցեպցիան զգալի կերպով իջեցնում է նրա գեղարվեստական արժեքը։

Դասակարգային ընդհարումների ֆոնի վրա հեղինակը մանրամասնորեն նկարագրում է վեպի գլխավոր հերոսների՝ Բիլլի ու Սաքսոնի սիրո պատմությունը։ Նրանք երկուսն էլ պատկանում են բանվորական միջավայրին. Բիլլը կառապան է, իսկ Սաքսոնը՝ լվացարարուհի։ Լոնդոնը շեշտում է, որ այդպիսի մաքուր ու հավատարիմ սեր հնարավոր է միայն բանվորական միջավայրում։ Բիլլի ու Սաքսոնի ընտանեկան երջանկությունը հիմնվում է նրանց փոխադարձ սիրո ու հարգանքի վրա։

Լոնդոնը վեպում վառ դույներով պատկերում է աշխատավոր մարդկանց անգույն գոյության ծանր պայմանները։ Նյութական զրկանքները, ֆիզիկական ու հոգեկան տառապանքները մերձեցնում են բանվորներին ու նպաստում նրանց դասակարգային գիտակցության արթնացմանը։ Նրանք դժգոհում, բողոքում ու պայքարում են գոյություն ունեցող սոցիալական անարդարությունների դեմ, բայց նյութական զրկանքները միաժամանակ բանվորական ընտանիքում առաջացնում են վեճեր։

Առանձնապես ուշագրավ են Բիլլի, Բերտի ու Թոմի կերպարները, որոնք տիպականացնում են ամերիկյան բանվորական շարժման մեջ եղած տարբեր ուղղությունները։ Բիլլը գտնում է, որ ամերիկյան դեմոկրատիան կեղծ է, խոսում է ժողովրդի անունից, բայց ծառայում է տիրող դասակարգի շահերին և պաշտպանում է սոցիալական անարդարությունը։ Նա կոչ է անում անհաշտ պայքար մղել բուրժուական օրենքների դեմ։ Այդ տեսակետից շատ տիպիկ են կյանքի երկար փորձ ունեցող պառավ Մերսեդեսի դատողություններն այն մասին, որ «դեմոկրատիան հիմարների երազ է... Դեմոկրատիան նույպիսի կեղծիք է, նույնպիսի ափիոն, ինչպիսին է կրոնը, և ծառայում է միայն այն բանին, որ բանվորները՝ այդ բեռնակիր անասունները, չըմբոստանան»։ Բերտն արտահայտում է անարխիստական տեսակետներ, իսկ Թոմը այդ երկուսի հայացքներին հակադրում է պայքարի ռեֆորմիստական մեթոդները։

Բոլոր կանացի կերպարներից առավել ցայտուն է Սաքսոնի կերպարը, որն իր մեջ խտացնում է ազնվություն ու անկեղծություն, նվիրվածություն ու հավատարմություն։ Նա սիրում է աշխատանքը, սիրում է մարդուն և սերտ կապերով կապված է իր դասակարգի հետ։ Սակայն ամուսնու ձերբակալումից հետո մենակ մնացած Սաքսոնն ընկնում է հուսահատության մեջ։ նա աստիճանաբար հանգում է այն եզրակացության, որ բանվորական ընտանիքների դժբախտության պատճառը գործադուլն է։ Այժմ նա ամենայն վճռականությամբ համոզում է ամուսնուն՝ թողնել Օքլենդը, հեռանալ հասարակական կյանքից և ապրել բնության ծոցում, հեռու ժխորից ու պայքարից։ Բիլլը ենթարկվում է կնոջ հորդորանքներին։

Վեպն ավարտվում է նրանով, որ Բիլլն ու Սաքսոնր հաստատվում են Լուսնի հովտում և հոգեկան անդորրություն գտնում իրենց սեփական հողամասում։

Այսպիսով, Լոնդոնն այստեղ ևս քարոզում է նույն ուտոպիան, որով ավարտվում են «Բոցավառ Արշալույսն» ու «Արկածը»։

Իր կյանքի վերջին տարիներին Լոնդոնը գտնվում էր հոգեկան առավել ծանր վիճակում։ Դա ուներ ոչ միայն իր սոցիալական, այլև սուբյեկտիվ պատճառները. նա կորցրեց իր աղջկան, ինչ-որ մութ անձնավորություններ գաղտագողի հրդեհեցին նրա հենց նոր ավարտված «Գայլի տունը», որի մեջ նա ներդրել էր հսկայական կապիտալ, տնտեսությունը համարյա քայքայված վիճակում էր։ Այս բոլորը չէին կարող չանդրադառնալ նրա հոգեկան աշխարհի վրա։ Լոնդոնը բոլորովին մեկուսանում է հասարակական կյանքից, կտրվում է բանվորական շարժումից հենց այն պատճառով, որ, ինչպես ինքն է ասում, չափից դուրս հեղափոխական էր ամերիկյան սոցիալիստական կուսակցության համար։ Ռեակցիոն տեսությունների ազդեցության տակ նրա աշխարհայացքի մեջ ուժեղանում են անհատապաշտական ու ռասայական գաղափարները, որոնք իրենց արտացոլումը գտել են «Խռովություն Էլսինորի վրա» («The Mutin of the EIsinore» — 1914) վեպում ։

Սակայն նման գործերը չէ, որ բնորոշում են նրա աշխարհայացքի էությունը։ Լոնդոնի ստեղծագործությունը հիմնականում առողջ է, տոգորված է դեմոկրատական գաղափարներով։ Դա հաստատում են նրա աշխարհահռչակ գործերը։ Դա հաստատում են և նրա վերջին շրջանի վեպերն ու վիպակները, որոնց մեջ, ընդհանուր առմամբ նկատելի է Լոնդոնի ռեալիզմի անկումը։ Նույնիսկ այդ երկերում կան փայլուն էջեր, որտեղ հեղինակը իր տաղանդին հատուկ թափով պատկերում է հասարակ մարդկանց ծանր վիճակը, մերժվածների ու բռնակալ օրենքների զոհերի անմարդկային տառապանքները։ Դա Լոնդոնի ստեղծագործության ընդհանուր գիծն է, որից նա չի հրաժարվում նույնիսկ իր կյանքի մայրամուտի տարիներին։ Այդ տեսակետից բնորոշ է, օրինակ, «Միջաստղային թափառական» վեպը։ Դեպքերր կատարվում են Կալիֆորնիայի Սանքվենտին բանտում, 1913 թվականին։ Լոնդոնը այստեղ ռեալիստական ցայտուն գույներով պատկերում է այն դաժան պայմանները, որոնց մեջ դրված են բանտարկյալները։ Հատկապես խոր համակրանքով Լոնդոնը պատկերում է Դերել Սթենդինգին, որին անհիմն կերպով մեղադրում են բանտում դինամիտ թաքցնելու մեջ և դատապարտում ցմահ բանտարկության։

Բանտարկյալներն իրենց մարդկային բարձր հատկություններով հակադրվում են մարդկային կերպարանքը կորցրած բանտապահներին ու դահիճներին, որոնց Լոնդոնը խարազանում ու մերկացնում է իր տաղանդի ամբողջ փայլով։ Պակաս մերկացնող չեն այն արյունոտ տեսարանները, որոնք բացահայտում են սպիտակամորթ վերաբնակիչների ընդհարումները բնիկների հետ։

Վեպի սյուժեն խոսում է այն մասին, որ Ջեկ Լոնդոնը դեգերում էր խոր հակասությունների ոլորտում, և նրա գիտակցության մեջ տեղի էր ունենում ուժեղ պայքար։ Լոնդոնը ընկել էր փակուղու մեջ։

Նույն այդ հակասությունները դրսևորվում են և «Մեծ տան փոքրիկ տանտիրուհին» վեպում («The Little Lady of the Big House» — 1915)։ Վեպը իր էությամբ զգալի կերպով տարբերվում է Լոնդոնի մինչ 1910 թվականը ստեղծած հայտնի գործերից։

Վեպի սյուժեն վերցրած է հասարակության բարձր խավի կյանքից, հերոսները նյութապես ապահովված մարդիկ են, նրանց չի ճնշում սուր կարիքը, ինչպես ճնշում էր, օրինակ, Մարտին Իդենին, կամ «Անդունդի մարդկանց» հերոսներին։ Նրանք պատկանում են տիրող դասակարգերին և օգտվում են բուրժուական հասարակության արտոնություններից։ Նրանք Էրնստ Էվերհարդի պես իրենց հասարակական իդեալները չեն հակադրում բուրժուական իրականության դաժան ու անարդար կարգերին։ Այդ հերոսների ուշադրության կենտրոնում կանգնած են գլխավորապես սերն ու ընտանեկան հարաբերությունների հետ կապված սահմանափակ հարցերը։ Այդպիսին է, օրինակ, վեպի կենտրոնական հերոսի՝ Դիք Ֆորեստի կերպարը, որի կարողությունը հասնում է միլիոնների։ Երիտասարդ տարիներին նա վարում է շվայտ կյանք, փախչում է տնից և դառնում թափառաշրջիկ։ Սակայն կյանքի փորձը վերջ ի վերջո զգաստացնում է նրան, և նա իր ձեռքն է վերցնում ամբողջ տնտեսության ղեկը։

Լոնդոնը նրան պատկերում է որպես ներդաշնակորեն զարգացած անձնավորություն. նա և՛ խելացի է, և՛ ֆիզիկապես գեղեցիկ։ Նույն այդ հատկություններով օժտված է և նրա կինը՝ Պաոլան, ու ընկերը՝ Իվեն Գրեհեմը։

Վեպի գաղափարական բովանդակությունը ցույց է տալիս, որ Լոնդոնը խուսափում էր սոցիալական կոնֆլիկտներ վերարտադրելուց։

Սոցիալական սուր կոնֆլիկտներից հեռու է և «Ալ ժանտախտը» վիպակը («The Scarlet Plague» — 1915), որը նվիրված է մարդկային հասարակության ճակատագրին։ Լոնդոնն այստեղ պատկերում է քաղաքակրթության կործանումն ու մարդկության վերադարձը դեպի նախնադարը։ «Ալ ժանտախտը», ընդհակառակն, լի է հոռետեսական ու ողբերգական մոտիվներով։ Վիպակում զգացվում է մարդկության ճակատագրական դատապարտվածության կնիքը, որը մենք գտնում ենք և Անատոլ Ֆրանսի «Պինգվինների Կղզին» վեպում (1908)։ Լոնդոնը ևս հանգում է այն եզրակացության, որ պատմությունը կրկնվում է. մարդկությունը շպրտվում է իր ելակետը, և, այնուամենայնիվ, նորից է սկսվում զարգացման պրոցեսը։

Լոնդոնի վերջին գործերի թվին է պատկանում և «Կղզիաբնակ Ջերրին» («Jerry of the Islands»), որը լույս է տեսել հեղինակի մահից հետո, 1917 թ.։ Վեպը նվիրված է շան արկածներին. կյանքի հորձանուտը նրան նետում է մի տիրոջից մյուսի մոտ, նա հանդիպում է բազմաթիվ մարդկանց և ամենուրեք հանդես է գալիս որպես սևամորթների կատաղի թշնամի։

Հեղինակի վերջին վեպը՝ «Երեքի սրտերը» (Hearts of Three») հրատարակվում է 1919 թվականին։ Այստեղ Լոնդոնն ավելի է հեռանում սոցիալական թեմայից, և ավելի է խորանում նրա հոգում տիրող խառնաշփոթ վիճակը։

Մայի ցեղի կողմից լեռներում թաքցրած խոշոր գանձի մասին պտտվող լեգենդը կազմում է վեպի հիմնական սյուժեն, հեղինակը մանրամասնորեն պատմում է այդ գանձի որոնման միջոցների մասին և անտեսում, ավելի ճիշտ, խուսափում է սոցիալական իրականության հրատապ հարցերից ու մեծ կոնֆլիկտներից։ Ճիշտ է, վեպում ընթերցողը երբեմն հանդիպում է քննադատական սուր դատողությունների, բայց դրանք չեն փոխում վեպի ընդհանուր բնույթը, որը դարձյալ վկայում է հեղինակի ռեալիզմի անկման մասին։


✻    ✻



Պատերազմի տարիներին ամերիկյան սոցիալիստական շարժումը գտնվում էր օպորտունիստական ղեկավարության ուժեղ ազդեցության տակ։ Հեղափոխական Լոնդոնը չէր կարողանում հաշտվել այդ հանգամանքի հետ և 1916 թվականի գարնանը նա պաշտոնապես հեռանում է սոցիալիստական կուսակցության շարքերից, ընդ որում, իր հեռանալը պատճառաբանում է նրանով, որ սոցիալիստական կուսակցությունը տանում է համաձայնողական քաղաքականություն և դավաճանել է հեղափոխական պայքարի սկզբունքներին։ Իր վերջին նամակում նա նույնիսկ ցուցաբերում է իսկական հեղափոխական մոտեցում և հայտարարում, որ վերջին վճռական խոսքը պատկանում է ոչ թե առանձին անհատներին, այլ լայն զանգվածներին։ Հարցադրումը բոլորովին նորություն էր Լոնդոնի աշխարհայացքի մեջ։ Բայց Լոնդոնն ապրում էր ոչ միայն խոր սոցիալական հիասթափություն, նա տառապում էր և ֆիզիկապես, տանջվում էր ուրեմիայի անտանելի ցավերից։

1916 թվականի նոյեմբերի 21-ին նա ընդունում է մորֆիի մահացու դոզա, իսկ նույն ամսի 22-ին նրա սիրտր ընդմիշտ դադարում է բաբախելուց։

Ջեկ Լոնդոնի աճյունը հանգչում է իր սիրած Լուսնի հովտի բլուրներից մեկի լանջին, գերեզմանի վրա գրված է «Գայլի տան» հրդեհից հետո մնացած ժայռի մի անտաշ ու անշուք կտոր, որի վրա փորագրված է միայն երկու բառ՝ «Ջեկ Լոնդոն»: