Վերջին թարմացում 6 Նոյեմբերի 2015, 13:10

Ջրափոսն ու չամիչով բուլկին

Ջրափոսն ու չամիչով բուլկին

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ
թարգմանիչ՝ Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոռացված ծննդյան օրը»

Մայթին մի փոքրիկ ջրափոս կար։ Քիչ առաջ անձրեւ էր եկել, եւ ծառերի լվացված տերեւներից դեռեւս ջուր էր կաթկթում։

Ամեն բան, ինչ անցնում էր ջրափոսի մոտով, արտացոլվում էր նրա հարթ մակերեւույթին։ Արտացոլվում էին ե՛ւ մարդիկ, ե՛ւ կարմիր ավտոբուսները։

«Սքանչելի կյանք է այստեղ,— մտածեց ջրափոսը։— Շատ ավելի ուրախ կյանք, քան հեռու ամպերում։ Բայց ավելի լավ կլիներ, եթե մեկնումեկը ինձ խմեր։ Ի վերջո, ջուրը խմելու համար է»։

Հենց այդ պահին ջրափոսի մոտով մի մեծ բեռնակառք էր անցնում, որը չամիչով բուլկիներ էր տանում։ Բուլկիներից մեկը պատահաբար ընկավ ցած ու չլմփաց ջրափոսի մեջ։

— Վա՜յ֊վա՜յ,— ասաց չամիչով բուլկին։— Այնպես եմ թրջվել, որ այլեւս ոչ ոք չի ուզենա ինձ ուտել։ Ի՜նչ մեղք եմ…— Եվ նա սկսեց աղիողորմ լաց լինել։

— Լաց մի լինի,— ասաց ջրափոսը։— Այ կտեսնես, ամեն ինչ լավ կլինի։

— Շնորհակալ եմ բարի խոսքի համար,— ասաց բուլկին։— Իհարկե, այստեղ վատ չէ… Որքան շատ են մարդիկ, կարմիր ավտոբուսները… ծառերից էլ ջուր է կաթկթում։ Բայց չամիչով բուլկու համար, թերեւս, խոնավությունը շատ է։ Իմ համը բոլորովին կկորչի։ Իսկ ինձ տանում էին կայարանի մոտի սրճարանը, որպեսզի վաճառեին սուրճի հետ։ Ես շատ մեղք եմ,— եւ նա դարձյալ աղիողորմ լաց եղավ։

— Լաց մի լինի,— ասաց ջրափոսը։— Լաց մի լինի, սիրելիս։

— Այլեւս լաց չեմ լինի,— պատասխանեց բուլկին հեծկլտալով։— Ես շատ ուրախ եմ, որ ծանոթացա քեզ հետ։ Բայց ինչ լավ կլիներ, եթե մեկնումեկը ուտել եւ խմել ուզենար։

— Իհարկե,— համաձայնեց ջրափոսը։— Հապա… Նայիր… Տեսնո՞ւմ ես։

Փողոցով ճիշտ դեպի ջրափոսն էր գալիս մայր բադը իր երեք բադիկներով։ Ոստիկանը ձեռքը բարձրացրեց եւ կանգնեցրեց մեքենաներն ու ավտոբուսները, որպեսզի բադն իր բադիկներով անվտանգ անցնի փողոցը։

— Ո՞ւր եք գնում,— հարցրեց ոստիկանը։

— Կըռ,— պատասխանեց մայր բադը։— Գնում ենք լճակ։

Իսկ բադիկները պատասխանեցին․

— Կըռ֊կըռ֊կըռ։— Եվ վազեցին մոր ետեւից։

— Օ՜ֆ, շատ հոգնեցինք,— ասաց բադը։— Վատ չէր լինի, եթե ճուտիկներս մի քիչ շունչ առնեին ու մի բան ուտեին։

Եվ ջրափոսի մեջ նա հանկարծ տեսավ չամիչով բուլկին։

— Կըռ֊կըռ֊կըռ,— ասաց նա։— Տեսեք, ի՜նչ հիանալի չամիչով բուլկի է ընկած, եւ ի՜նչ սքանչելի ջրափոս է։

Բադերի ընտանիքը շատ գոհ էր։

— Կըռ֊կըռ֊կըռ,— ասացին բադիկները։— Ի՜նչ համեղ բուլկի է։ Կըռ֊կըռ֊կըռ։ Ի՜նչ համեղ է ջրափոսի ջուրը։

Նրանց մոտով սլանում էին ավտոբուսները, անցնում էին մարդիկ, իսկ երբ արեւը մայր մտավ, նորից սկսեց անձրեւ տեղալ․ ծառեի տերեւներից կաթկթում էր ջուրը, եւ մայթին մի նոր ջրափոս հայտնվեց։

— Դինգ֊դոնգ,— շաչեց ավտոբուսը։

— Կըռ֊կըռ,— ասաց մայր բադը։

— Կըռ֊կըռ֊կըռ,— պատասխանեցին բադիկները։

— Կըթ֊կըթ֊կըթ֊կըթ,— արձագանքեց անձրեւը։

Եվ իմ պատմությունն էլ ավարտվեց։