Ռոբինզոնը ջունգլիներում

Գրապահարան-ից
Ռոբինզոնը ջունգլիներում

հեղինակ՝ Ռուդի Շտրալ
թարգմանիչ՝ Ս․ Վարդանյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Երիցուկը և Արմատիկ֊Ծերուկը»


(Պատմություն այն բազմաթիվ արկածների մասին, որ բաժին ընկան մարդուն, շանն ու այծամին)

Բովանդակություն

I

Ռոբերտը պառկած էր մեջքի վրա, և ալիքներն օրորում էին նրան։ Աշխարհում ոչինչ այնքան բարձր չէր, որքան գլխավերևում տարածված կապույտ երկինքը։ Ծովը ձգվում էր մինչև հորիզոն։ Իսկ ցամա՞քը։ Ցամաքը գոյություն էլ չուներ։ Երևում էր միայն ձախ ոտքի բութ մատը։ Եվ մեկ էլ մի ճայ։ Նա, համարյա թևերն անշարժ, անձայն սլանում էր բարձունքում։ Ռոբերտը հայացքով ուղեկցում է նրան ու մտածում․ «Այ եթե ես էլ կարողանայի այդպես թռչել»։ Ավա՜ղ, դա չի կարող և ոչ մի յոթ տարեկան տղա։ Իսկ Ռոբերտը գոնե լողալ գիտեր։

Գուցե շուտով շոգենավ մոտենա ու Ռոբերտին վերցնի։ Ասենք, Վիսմարից եկող որևէ բեռնատար նավ կամ Բաքվից՝ մի տանկեր։ Այ թե կզարմանան նավապետն ու նավաստիները։ Իսկ խոհարարը Ռոբերտի համար չամիչով մի մեծ պուդինգ կթխի։ Է՜հ, ա՛յ թե արկած կլինի։

Իսկ ավելի լավ կլինի, եթե հիմա իր թաց ու սառը մռութով նրա ուսին հպվեր դելֆինը։ Չէ՞ որ դելֆինները փրկում են նավաբեկության ենթարկվածներին։ Գոնե նրանցից մեկը պատահեր իրեն։ Հո՛պ, և դելֆինին հեծնելով՝ Ռոբերտը կսլանար հեռավոր ափեր։ Նման դեպքի մասին թերթերն էլ կգրեին։ Եվ այն ժամանակ ընկերներից ոչ ոք չէր համարձակվի նրան չհավատալ։

Այդ երանելի մտքից անգամ Ռոբերտի մեջքով ասես մրջյուններ վազեցին։ Եվ այդտեղ հանկարծ նրա ուսին խոնավ մի դունչ քսվեց։ Դելֆին էր։

Դելֆինը հաճույքից կլանչեց և վեր թռավ, ցուցադրելով չորս թաթերը։ Ներեցեք, իսկ դելֆինին որտեղի՞ց թաթեր։ Եվ այդ ո՞ր օրվանից են նրանք սկսել հաչել՝ «հաֆ֊հաֆ»։

― Հանգստացիր, Բոսսո, ― հիասթափված ասաց Ռոբերտը։ Որովհետև Բոսսոն ոչ թե դելֆին էր, այլ մի մեծ, սև շուն։ Նյուֆաունդլենդյան ցեղից։ Նրանց նաև ջրասույզ են անվանում։

Անծայրածիր հորիզոնը փոքրացավ֊փոքրացավ ու վերածվեց ցինկե տաշտի։ Եվ հայտնվեց ցամաքը՝ տան առջևի այգին, փողոցը անտառը։ Մի հարցնող լինի՝ ինչպե՞ս կարող էր այստեղ շոգենավ ընկնել։ Էլ չենք խոսում դելֆինների մասին։ Մյուհելվալդի ու Շպրեե գետի միջև որևէ մեկի աչքին դելֆին չի երևացել։ Միայն երկինքն էր մնացել այնպիսին, ինչպիսին կար՝ բարձր ու կապույտ֊կապույտ։ Եվ մեկ էլ ահա ճայն է օդում պտույտներ գործում։ Գուցե տաշտակի ջուրը ծովի տե՞ղ է դրել։ Իսկ Ռոբերտին էլ՝ նավաբեկյալի՞։

Բայց Բոսսոյին, ինչպես երևում է, ձանձրացրել էին արկածների մասին Ռոբերտի երազները, և նա սկսեց իր ահագին գլխով խեթկել տիրոջը, քշելով տաշտակից։ Միայն մի բանով են նյուֆաունդլենդները նման դելֆիններին, հաց մի՛ տա, բայց թույլ տուր խեղդվողին փրկել։

― Դե ես ինչ խեղդվող եմ, Բոսսո, ― մռթմռթաց Ռոբերտը։ ― Բացի այդ, նաև լողալ գիտեմ։ Եվ, ընդհանրապես, կորի այստեղից։

Սակայն Բոսսոն աչքը այնքան պահեց տիրոջ վրա, մինչև նա դուրս եկավ իր ցինկե «ծովից»։ Հետո նրանք ուղղվեցին դեպի աղբակույտը, որ հավաքել էին այգին պարարտացնելու համար։ Անհամբերությունից Բոսսոն թափահարում էր պոչը։ Նա գիտեր, որ հիմա պիտի սկսվի ռնգաբզեզների որսը։ Եվ, իսկապես, այդ թափոնների մեջ նրանք միանգամից երեք բզեզ գտան, բայց սրանք այսօր ասես մտադրություն չունեին մասնակցելու վազքին՝ շատ էր շոգ։ Համառ հանգստությամբ նրանք կրկին թաղվեցին աղբակույտի մեջ։ Է՛հ, սատանան նրանց հետ։

Ռոբերտը քարշ գալով հասավ ճոճանակին, բարձրացավ նրա վրա ու սկսեց ճոճվել։ Բոսսոն ճոճանակ չէր սիրում, տասը ձիով էլ չէիր կարող նրան քարշ տալ ճոճանակի վրա, դրա համար էլ նախընտրեց թավալվել խոտերի մեջ ու հաճույքից կլանչել։ Ինչ վատ է որ։

Ետճաշյա լռությունը խզեց մի զիլ սուլոց։ Դա, իհարկե, Քայն էր։ Ռոբերտը ճոճանակից ցած թռավ ու վազեց դեպի դարպաս։ Բոսսոն անմիջապես տիրոջից առաջ ընկավ, խաղացնելով ոչ միայն պոչը, այլև ամբողջ մարմինը։ Եթե Քայն է եկել, ուրեմն նրանք լողալու են գնում։

Քայնը հրաշեկ մազեր ուներ և դեմքին հարյուր տասնյոթ պեպեն։ Նա Ռոբերտի լավագույն ընկերն էր, և միևնույն նստարանին էին նստում։ Բացի դրանից, Ռոբերտի նման նա էլ ֆիզկուլտուրայից ավելի լավ էր գլուխ հանում, քան երգեցողությունից։ Լողալ, պարզ բան է, նույնպես գիտեր։

― Ես լողալու եմ գնում, ― ասաց Քայը։ ― Իսկ դո՞ւ։

― Պարզ է, ― ուրախացավ Ռոբերտը։ ― Միայն սպասիր մայրիկին մի երկտող գրեմ։ Հիմա։

Նա նետվեց դեպի տուն։

― Շատ չուշանաս, ― նրա ետևից կանչեց Քայը։

Քայը մի քանի բառեր աղավաղում էր, վերջավորությունները կուլ էր տալիս ու շփոթում էր հոլովները։ Այդպես էին խոսում բնիկ բեռլինցիներից շատերը։ Ճիշտ է, հայրիկը հաստատում էր, որ եթե մարդ որոշում է օդաչու դառնալ, ուրեմն պիտի կանոնավոր խոսի։ Ռոբերտի հայրը օդաչու է և գերմաներեն ճիշտ է խոսում։ Բացի այդ գիտի նաև անգլերեն ու ռուսերեն։ Դրա փոխարեն, Քայի հայրը ամբողջ Բեռլինում լավագույն տաքսու վարորդն է։ Իսկ դա մի բան արժե։

Մայրիկին գրած երկտողը կարճ ստացվեց․ «Քայի ու Բոսսոյի հետ գնացի լողալու»։ Քո որթի Ռոբերտ»։

Մայրիկը ուր որ է խանութից կգար։ Օրենքով պիտի սպասեր նրան, բայց․․․

― Ռոբերտ, ի՞նչ եղար, ― անհամբերությամբ ձայնեց Քայը։

― Հիմա։

Այն ժամանակից, ինչ Ռոբերտը սովորել էր լողալ, թույլ էին տալիս մենակ գնալ լճակ։ Այսինքն՝ Բոսսոյի հետ, իհարկե, ճիշտն ասած, նյուֆաունդլենդի հետ երեք տարեկան երեխան էլ կարող է մենակ լողալու գնալ։ Հենց դրա համար էլ կոչվում են նյուֆաունդլենդ, որպեսզի փրկեն սուզվողներին։ Նրանք փրկում են ցանկացած մարդուն, որը ծովի հատակն է իջնում։ Նույնիսկ եթե կատակով է սուզվում, շունը, միևնույն է, նրան ափ կհանի և վերջ։ Իսկ Բոսսոյի մասին արդեն խոսք չկա։

― Չեղավ, ― ասաց Քայը, երբ Ռոբերտն ու Բոսսոն դուրս եկան փողոց։ ― Չեղավ, Ռոբերտ, էլի շան հետ ես․․․ Ախր դրանից ինչ հաճույք․ ոչ կարող ես սուզվել, ոչ հեռուն լողալ։ Բոսսոյին թող տանը, թե չէ ես մենակ կգնամ։ Պա՞րզ է։

― Բայց ինձ թույլ չեն տալիս առանց Բոսսոյի, ― վախեցած քթի տակ մռթմռթաց Ռոբերտը։ ― Հայրիկն ասում է․ նախ ոնց որ պետքն է լողալ պիտի սովորել․․․ Դու ինքդ էլ գիտես։

― Իսկ ես թքել եմ, ― հայտարարեց Քայը։ Նա վերջերս էր ազատ ոճը յուրացրել ու դրանով շատ էր պարծենում։ ― Մյուս շաբաթ դու էլ կարող ես ինձ նման լողալ։ Իսկ սովորել կարելի է նաև այսօր։ Ինչո՞ւ թողնենք վաղվան։

Ռոբերտը ոտքը ոտքին քսեց ու անվճռական գլխով արեց։

― Տո՛ւն գնա, Բոսսո, ― առանց շանը նայելու մռթմռթաց նա։

Բոսսոն զարմանքով նայեց տիրոջն ու պոչով տփտփացրեց գետնին։

― Քեզ ասացի՝ տուն գնա, ― խռպոտ ձայնով կրկնեց Ռոբերտը։ Նա ամաչում էր։ Չէ՞ որ խոստացել էր հորը, որ լճակ կգնա միայն Բոսսոյի հետ։ Իսկ որ խոսք ես տալիս, պետք է կատարել․․․

Քիթը կախ՝ Բոսսոն ետ դարձավ ու դանդաղ գնաց այգի։ Եվ այլևս պոչը չէր թափահարում։ Իսկ Քայը գոհ ծիծաղում էր քթի տակ։ Երբ նա այդպես ծիծաղում է, ուրեմն ինչ֊որ մի բան կարգին չէ։ «Ոչ, ― հանկարծ մտածեց Ռոբերտը։ ― Ես չեմ կարող խոստումս դրժել։ Դա անազնվություն է»։

― Դե, ես գնացի, ― մինչ Ռոբերտը կհասցներ բերանը բացել՝ ասաց Քայը։ Եվ շրջվելով, քայլեց դեպի մոտակա անտառը։ Քայլելիս, մի կերպ նմանեցնելով, սուլում էր «Լոզազգեստդ վերցրու քեզ հետ» երգի մեղեդին։

Եվ այստեղ Ռոբերտի գլխում մի փրկարար միտք փայլատակեց՝ հիմա մայրիկը խանութից տուն կգա։ Երբ նա երկտողը կարդա ու տեսնի Բոսսոյին, կմտածի, որ Ռոբերտը շանը թողել է տանը ու կասի․ «Փնտրի՛ր Ռոբերտին»։ Բոսսոն կգնա իրենց հետքերով ու կգտնի։ Քայը մի քիչ կփնթփնթա, դե ուրիշ ինչ կարող է անել։ Իսկ մինչև Բոսսոն հասնի լիճ, իրենք արդեն հասցրած կլինեն մի լավ լողալ։

― Քա՛յ, սպասիր, ես էլ եմ գալիս, ― կանչեց Ռոբերտն ու վազեց ընկերոջ ետևից։ Նա չնայեց էլ Բոսսոյին։ Երբ շունը վիրավորվում է, սուսուփուս պառկում է գետնին և աչքերը տնկում իր սև քթին։ Նման դեպքերում նա այնպիսի տեսք է ունենում, ասես ուր որ է կմեռնի վշտից։

Սակայն այսօր Բոսսոն ուրիշ կերպ վարվեց։ Նա ջղային կլանչելով վազեց ցանկապատի երկայնքով ու հանկարծ թեթևացած հաչեց՝ «հա՛ֆ֊հա՛ֆ»։ Ցանկապատի վրա ոչ մեծ մի անցք կար, որտեղով սովորաբար կատուն էր անցուդարձ անում։ Անցքն այնքան նեղ էր, որ Բոսսոն հազիվ միայն գլուխը մտցրեց։ Սակայն սկիզբը դրված էր։ Բոսսոն լարեց հզոր մկաններն ու հո՛պ, մետաղալարե ցանկապատը պոկվեց, ասես թելերից էր հյուսված։ Բոսսոն հայտնվեց փողոցում։ Իրեն թափ տալով՝ ասես ջրից նոր էր դուրս եկել, շունը սկսեց փնտրել Ռոբերտի հետքը։ Ահա՛, ահա՛, Բոսսոն հազարավոր հոտերի միջից կճանաչի իր տիրոջ հոտը։

Գլուխը կախ Բոսսոն անցավ փողոցն ու մանր֊մանր շորորալով գնաց դեպի անտառ։ Ճանապարհին վախեցրեց մի նապաստակի։ Հետո էլ թփերի մեջ «օգնություն» գոռաց կաչաղակը։ Սակայն Բոսսոն ուշադրություն չդարձրեց ոչ լեղաճաք փախչող նապաստակին, ոչ էլ կոկորդ պատռող կաչաղակին։ Նախ և առաջ նա պիտի գտնի Ռոբերտին՝ «հա՛ֆ»։

II

Ոչ մի հնդակցի այնքան անփույթ չի լինի, որ հենց այնպես, առանց որևէ պատճառի իր հետքերը թողնի կուսական անտառի արահետներում։ Առավել ևս այն դեպքում, երբ շուրջը՝ ջունգլիներում, վխտում են սպիտակամորթների ջոկատները։

Հնդակցի երկու ռազմիկ՝ Բազեի աչքն ու Փայլատակող Շանթը, ջրի միջով քայլում էին հոսանքն ի վեր։ Մթնած, իր մեջ սարսափներ պահած ջուրը հասնում էր մինչև նրանց ծնկները․․․ Երկու ափերին էլ պառկած էին կոկորդիլոսները, որոնք բացել էին երախներն ու մռնչում էին՝ «Կվա՜, կվա՜»։ Դե, թող դրանք ոչ թե կոկորդիլոս լինեն, այլ գորտ։ Եվ թող ջրի այդ հոսանքն էլ կոչվի Կովի առու և լայնքն էլ ընդամենը մետրուկես լինի՝ միևնույնն է, այդ առուն հոսում է արգելանոցի ջունգլիների միջով։ Ոչ մեկի մտքով էլ չի անցնի, թե հենց կողքից փռված է հսկայական Բեռլինը։ Այստեղ, արգելանոցում, չես տեսնի անցորդների, չես լսի նրանց ձայները։ Համատարած լռություն է ու մենություն, ինչպես Ամազոն գետի վրա։

Կոմանչների երկու առաջնորդները ծանծաղուտով քայլեցին այնքան, մինչև կորցրին հետքերը։ Այդ ժամանակ նրանք ելան զառիվեր ափն ու ոտքերից պոկեցին տզրուկները։ Իսկ քիչ անց սկսեցին մորի անուշ անել։ Ի՜նչ մեծ դժբախտություն է որ, եթե նույնիսկ ձեռքերը չանգռոտվեն․ չէ՞ որ հնդկացին ցավից չի վախենում։

― Տնային աշխատանքներդ կատարե՞լ ես, ― հարցրեց Փայլատակող Շանթը։

― Այո, ― պատասխանեց Բազեի Աչքը։ ― Իսկ դո՞ւ։

― Լողանալուց հետո կանեմ։ Հապա, Ռոբ, սկսեցինք մրցույթը։

Հանկարծաքիությունը նրան երեք֊չորս մետր շահելու հնարավորություն տվեց։ Բացի այդ, մի կողմ հեռացրած ճյուղերը զարկվում էին Ռոբերտի դեմքին։ Բայց նա, այնուամենայնիվ, անցավ ընկերոջից ու առաջինը նկատեց ծառերի արանքից փայլփլող Երկարավուն լճակի շերտը։ Եվ հանկարծ Քայը կանգ առավ ու գոչեց․

― Հլա մի նայիր, այծամը։

Ռոբերտը արգելակեց․

― Ո՞ւր է։

― Հրեն։

Բայց Ռոբերտը ոչ մի այծամ չտեսավ։ Նա մտածեց, որ Քայը դիտմամբ գոռաց, որպեսզի առաջ անցնի։ Քայը միշտ կատաղում էր, երբ տարվում էր։ Դրա փոխարեն արագ էր լողում և Ռոբերտից երկար էր սուզված մնում։ Մի բան, որ նա ապացուցեց լիճը նետվելուն պես․ «Իսկ գուցե Քայը այծամի մասին ճի՞շտ էր ասում, ― մտածեց Ռոբերտը։ ― Չէ՞ որ այստեղ, Մյուհելվալդում, կարելի է և՛ նապաստակի հանդիպել, և՛ աղվեսի, և՛ նույնիսկ վայրի խոզի։ Օրինակ, անցյալ տարի մի վայրի խոզ ձմռանը մտել էր գյուղ ու դատարկել աղբի բոլոր դույլերը։ Դե էլ ինչու Բեռլինի մոտ Երկարավուն լճակում մի գեղեցիկ օր ջրի տակից չպիտի հայտնվի դելֆինը»։

Այս հաճելի մտքով տարված՝ Ռոբերտը լողաց֊հասավ դեղին լողաններին, որից այն կողմ գնալը արգելված էր։ Լողաններից այն կողմ նավարկման ուղին է։ Իսկ դրանից այն կողմ մարզվում էին մի քանի թիավարողներ։ Կիրակի օրը նրանց մրցումներն են, հիշեց Ռոբերտը։ Հնարավոր է, որ ինքը հայրիկի հետ գա այդ մրցումներին։ Թե՞ այս կիրակի հայրիկը թռչում է։

Կողքին, ջրի տակից գլուխը հանեց Քայը, նայեց մարզիկների կողմն ու հայտարարեց․

― Ես էլ եմ թիավարող դառնալու։

Դեռ երեկ Քայը պատրաստվում էր դառնալ խաղաղության երթի մասնակից։ Իսկ անցյալ շաբաթ՝ բռնցքամարտիկ։ Մի խոսքով, Քայը երբեք էլ չէր իմանում, թե ինքն ինչ է ուզում։ Հիմա հանկարծ ուզեց Սատանայի լիճ գնալ՝ մողեսներ որսալու։

Ռոբերտը հաճույքով էլի կլողար, քանի դեռ չէր երևացել Բոսսոն։ Սպասիր։ Նա հանկարծ հիշեց, որ ջուրն է մտել, առանց շանը սպասելու։ Եվ կրկին նրա մեջ սկսեց խոսել խիղճը։ «Բայց ո՞ւր է կորել Բոսսոն, ― մտածեց նա։ ― Չէ՞ որ մայրիկը վաղուց պիտի նրան բաց թողած լիներ»։

― Արի ափ դուրս գանք, ― շտապեցրեց Քայն ու կրոլի անցնելով ուղղվեց դեպի լողափ։ Ռոբերտը ջրից ելավ ու սկսեց փնտրել Բոսսոյին։ Լողափին կային շատ մարդիկ ու մի քանի շներ։ Սակայն Ռոբերտը նրանց մեջ չգտավ Բոսսոյին։

III

Բոսսոն տմբտմբացնում էր խոշոր սև գլուխը։ Մյուս շունն էլ էր նույնը անում։ Բոսսոն կնճռոտում էր ճակատը՝ մյուս շան ճակատին էլ էին կնճիռներ գոյանում։ «Հա՛ֆ», ― հաչում էր Բոսսոն։ Սակայն մյուս շունը լռում էր․ չէ՞ որ նա միայն Բոսսոյի արտացոլումն էր Կովի առվակում։

Բոսսոն մի հարյուր անգամ տեսել էր իր արտացոլումը և վաղուց արդեն դադարել է զարմանալուց։ Իսկ հիմա նա անհանգիստ ջրին է հառել աչքերը, որովհետև կորցրել է Ռոբերտի հետքը։ Ավա՜ղ, ջուրը ոչ մի հետք չի պահպանում։ Այստեղ ամենանուրբ հոտառությունն անգամ չի օգնի։

Հույսը չկորցնելով՝ Բոսսոն ականջները տնկեց։ Շուրջը կռկռում էին գորտերը, ծլվլում էին թռչունները, ճռճռում էին մորեխները։ Հեռվում ինչ֊որ տեղ հնչեց շոգենավի շչակը, լսվեց լոկոմոտիվի ձայնը։ Բայց Ռոբերտը չէր կանչում։

Չի երևում իր տերը, ձայն չի տալիս, և նրա հետքն էլ կորել է։ Ի՞նչ կհրամայեք անել։ Ուրիշ շուն լիներ իր տեղը՝ կհուսահատվեր, բայց Բոսսոն շուտ հանձնվողներից չէ։

Նա թռավ առվակն ու տիրոջ հետքը սկսեց փնտրել մյուս ափին․․․ Եվ կրկին անհաջող։ Ամենախելացի շունն անգամ չի կարող մտածել մարդու պես։ Դե որտեղից գլխի ընկներ, որ Ռոբերտն ու Քայը հնդկացիների նման ծանծաղուտով անցել են առվի երկայնքով։ Սակայն Բոսսոն փորձից գիտեր, որ այդպիսի շոգին տղաները ավելի շուտ կգնային լողանալու։

Մանրավարգ վազելով առվակի երկայնքով՝ շունը հասավ այն տեղը, ուր Ռոբերտն ու Քայը ափ էին դուրս եկել։ Եվ այդտեղ կրկին ընկավ հետքի վրա։ Ուրախությունից կլանչելով՝ շունը արջի նման ուղիղ սլացավ արգելանոցի միջով։ Նրան տեսնելով՝ այծյամը վախից սսկվեց։ Այծյա՞մը։ Այո, հենց այծյամը։ Պարզվում է, Քայը չէր հնարել, թե տեսել է այծյամին։ Միայն թե այն ժամանակ նկատելով տղաներին, այծյամը կամացուկ քաշվեց թփերի մեջ, որովհետև մարդիկ նրա համար արտասովոր բան չէին, և նրանցից չէր վախենում։ Բայց նա երբեք չէր տեսել այսպիսի սև, փռչոտ մի հրեշի, որը մռնչալով ու հաչելով խուժեց թփերի մեջ։ Ուղիղ նրա վրա։

Բոսսոն գուցե չէր էլ նկատել այծյամին․ չէ՞ որ նյուֆաունդլենդները սուր տեսողությամբ աչքի չեն ընկնում։ Իսկ եթե նկատեր էլ, ձեռք չէր տա, որովհետև իր ողջ կյանքում նույնիսկ ճանճերին չէր նեղացրել, բայց․․․ Բայց այծյամը այդ մասին չգիտեր։ Նա սթափվեց ու մի քանի բարձր, երկար թռիչք գործեց։ Հենց այստեղ էլ դժբախտություն պատահեց։ Հանկարծ այծյամը առջևի կճղակներով զարկեց ծառի խչմարին ու ընկավ։ Իզուր էր չարչարվում ոտքը ծուղակից ազատել՝ ոսկորը կոտրվել էր։ Ցավից ու սարսափից նա տնքում էր, իսկ հետո հնազանդվեց ճակատագրին՝ երկյուղով նայելով Բոսսոյին։

Իսլ Բոսսոն այծյամից պակաս չվախեցավ։ Նա կանգ առավ ու զարմացած քորեց ականջի ետևը։ Հետո չափազանց զգույշ մոտեցավ անծանոթ գազանին այնպես, ասես իր առջև գայլ էր։

Այծյամը չէր շարժվում։ Միայն նրա կողերն էին ցնցվում, և մեկ էլ շագանակագույն աչքերն էին մահվան թախիծով լի։ Հավանաբար, կարծում էր, թե հասել է իր վերջին ժամը։

Բոսսոն թափահարեց պոչը։ Դա պիտի որ նշանակեր՝ մի վախեցիր։ Բայց երբ նա մոտեցավ այծյամին հոտոտելու, սա ծառս եղավ՝ ճիգ գործադրելով ազատվել գերությունից։ Սակայն խչմարը երկաթե թակարդի պես կառչել էր կոտրված ոտքից։

Հասկացա՞վ Բոսսոն, ինչ էր կատարվել, թե չէ, ոչ ոք չէր կարող ասել։ Այնուամենայնիվ, նա մի քիչ էլ կանգ առավ, հետո շրջվեց ու, հետքը փնտրելով, վազեց առաջ՝ դեպի արգելանոցի խորքը։

Լողափում հսկայական բազմություն էր հավաքված՝ ոմանք արևի լոգանք էին ընդունում, մյուսները ճողփում էին լճում։ Սակայն Բոսսոն ուշադրություն չդարձրեց անգամ իրենց փողոցի ծանոթ տղաներին, որոնք կուզենային խաղալ իր հետ։ Նա միայն ինչ֊որ մի փոքրիկ աղջկա հանեց ջրից։ Այդ «սխրանքը» կատարելուց հետո շունը սլացավ Ռոբերտին որոնելու։

Իսկ այդ ժամանակ Ռոբերտը, Բոսսոյին սպասելուց հուսահատված, պատրաստվում էր Քայի հետ գնալ Սատանայի լիճը։ Ահա թե ինչու տղան ուրախությունից սկսեց թռչկոտել, երբ տեսավ շանը։

Բո՛սսո, ― կանչեց նա։ ― Ինձ մոտ։

Բոսսոն նույնպես անչափ ուրախացավ այդ հանդիպումից։ Նա այնքան հախուռն արտահայտեց իր ցնծությունը, ասես երեք օր չէր տեսել տիրոջը։

― Դե լավ, Բոսսո, բավական է, ― ասաց Ռոբերտը։ Նա ուրախ էր, որ ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես մտածում էր։ Բայց ինչո՞ւ է Բոսսոն կրկին նետվում դեպի արգելանոց։ Ի՞նչ կա այնտեղ։

― Բո՛սսո, ինձ մոտ, ― կարգադրեց Ռոբերտը։

― Դե թող դրան, ― զայրացավ Քայը, որն արդեն ձանձրանում էր սպասելուց։

Բոսսոն կրկին սկսեց թռչկոտել տիրոջ շուրջն ու գժվածի պես հաչել։

― Խելագարվել է, ― մռթմռթաց Ռոբերտը։ ― Էս ի՞նչ է պատահել սրան։

Հանկարծ Բոսսոն ատամներով բռնեց նրա լողազգեստն ու ձգեց անտառի կողմը։

― Հավանաբար, ոզնի է գտել, ― անսպասելի ենթադրեց Ռոբերտը։ ― Դե, իհարկե։ Անցյալ տարի էլ էր ոզնի տեսել ու այսպես գժվել էր։

― Ոզնի՞, ― հարցրեց Քայը։ ― Դա ախր մողես հո չէ՞, որ հաջողվի ամեն օր բռնել։ Գնանք բռնենք, ― վճռական ասաց նա։

Բոսսոն արագ առաջ վազեց, տղաները հազիվ էին հասնում նրա ետևից։ Լողափը մնաց ետևում, խլացան մարդկանց ու երաժշտության ձայները։ Բոսսոն առաջ ընկած՝ այնպիսի ոգևորությամբ էր հաչում, ասես փղի էր հետապնդում։

― Ըհը՛, հոտն առավ, ― փնչացնելով ասաց Ռոբերտը, երբ Բոսսոյի հաչոցը փոխվեց։ ― Ոզնին այս կողմերում է։

― Սպասիր, ― խնդրեց Քայը։ ― Դե սպասիր․․․ Չէ որ ոզնին երկուսինս է, ընդհանուր է․․․

Նրանք դավադիր խչմարին հասան համարյա միաժամանակ։ Եվ երկուսն էլ չկարողացան մի բառ անգամ արտասանել՝ չգիտես արագ վազելո՞ւց, թե զարմանքից։ Մի պահ բոլորովին իրենց կորցրած՝ նրանք նայեցին այծամին։

Կենդանին այլևս ուժ չուներ թակարդից դուրս պրծնելու նոր փորձ անել։ Խեղճը միայն բարձրացրեց գլուխն ու կրկին կախեց։ Բոսսոն, կլանչելով, հույսով լի հայացքը հառեց Ռոբերտին։ Տեսնես ի՞նչ կձեռնարկի տերը։

IV

Ֆրաու Տիպոլդը՝ Ռոբերտի մայրը, գետնին դրեց մթերքի ծանր պայուսակն ու բացեց դարպասի դուռը։ Նա զարմացավ, որ Ռոբերտն ու Բոսսոն չվազեցին ընդառաջ։ Իսկ նա ամեն մեկին մի բան բերել էր․ տղայի համար՝ պաղպաղակ, իսկ Բոսսոյի համար՝ երշիկ։

― Ռոբե՜րտ։ Բո՜սսո։

Ի պատասխան՝ ոչ մի ձայն։ Ֆրաու Տիպոլդը ավելի զարմացավ ու կանչեց․

― Ո՞ւր եք կորել։ Դե լավ, այդ դեպքում պաղպաղակն ինքս կուտեմ, իսկ երշիկը կատվին կտամ։

Սակայն նույնիսկ այդ դաժան սպառնալիքին էլ ոչ ոք չարձագանքեց։

Իսկ տան դուռը կրնկի վրա բաց էր։ Ինչո՞ւ։

Դե, որովհետև Ռոբերտը շտապելուց մոռացել էր դուռը փակել։ Դա, անկեղծ ասած, շատ էր պատահել և նախկինում։

Անհանգստացած ֆրաու Տիպոլդը մտավ տուն և սեղանին մի երկտող նկատեց։ Մեղմ ժպտալով, նա ընդգծեց «որթի» բառը և «թ»֊ի փոխարեն գրեց «դ»։ Մասնագիտությամբ նա ուսուցչուհի էր։ Սակայն բոլորովին էլ սխալների համար չէր, որ որոշեց լուրջ խոսել Ռոբերտի հետ։ Նախ՝ պիտի սպասեր իր գալուն։ Երկրորդ՝ Ռոբերտը առանց վզակապի էր դուրս տարել Բոսսոյին։ Իսկ առանց վզակապի շունը իրավունք չուներ փողոցում ման գալ։ Այս ամենը Ռոբերտին քաջ հայտնի էր, սակայն ով գիտի ինչ է մտածել, որոշեց ֆրաու Տիպոլդը։

Նա հո չգիտե՞ր, որ Ռոբերտը Բոսսոյին տանն է թողել և որ միայն Բոսսոյի սուր հոտառության ու նուրբ զգացողության շնորհիվ էր, որ տղաները ավելի վատ արարք չէին կատարել՝ չէին գնացել հեռավոր Սատանայի լճում թափառելու։

Մի խոսքով, Ռոբերտը, միևնույն է, չի ստանա իր պաղպաղակը, իսկ վաղը ամբողջ օրը կնստի տանը։ Նրան պատժել է պետք։

Այս մտքերով տարված՝ ֆրաու Տիպոլդը սկսեց մթերքները տեղավորել սառնարանում։ Հետո գոգնոցը կապեց ու նկուղ իջավ՝ բանկաները լվանալու․ ուզում էր շաբաթվա վերջում մրգերի պահածոներ պատրաստել։ Նա արդեն բոլորովին հանգստացել էր, միայն թե մի փոքր վշտացած էր, որ պիտի պատժի Ռոբերտին։ Բոլոր մայրերն էլ վշտանում են, երբ ստիպված են լինում պատժել իրենց երեխաներին։ Դժբախտաբար, շատ երեխաներ գլխի էլ չեն ընկնում այդ բանը։ Այլապես այդքան ցրված չեն լինի ու գոնե մի րոպե կմտածեն, թե ի՞նչ հետևանք կունենա իրենց արարքը։

Վերջ ի վերջո, նույնիսկ յոթ տարեկան տղաները ուսերին գլուխ ունեն ոչ միայն նրա համար, որ մազերը խուզեն, այլ նաև նրա համար, որ մտածեն։