Սնամեջ մարդիկ

Գրապահարան-ից
17:23, 19 Հուլիսի 2013 տարբերակ, Լանսելոտ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Սնամեջ մարդիկ

հեղինակ՝ Թ․ Ս․ Էլիոթ
թարգմանիչ՝ Սամվել Մկրտչյան


«Պարոն Քուրցը ․․․ մեռավ» «Ողորմացեք ծերուկ Գային»

Բովանդակություն

I

Մենք սնամեջ մարդիկ ենք
Եւ խրտվիլակներ,
Խոնարհելով ծղոտով լցված
Գլուխները մեր։
Ավաղ ձայներն անտենչ
Մինչ շշնջում ենք միասին հակված
Անիմաստ են ու դառնանուն
Ինչպես քամին չոր խոտի մեջ
Կամ կոտրված ապակու վրա
Առնետների ոտքերը՝ խոնավ մառանում։
Պատկեր առանց ձեւի, երանգ առանց գույնի,
Կաթվածահար ուժ, ընթացք առանց շարժման։
Նրանք ովքեր կտրեցին անցան
Ուղիղ հայացքով մահվան մյուս Արքայությունը
Հիշում են (եթե հիշում են) մեզ
Ոչ որպես վայրագ, կորած հոգիների
Այլ միայն որպես
Սնամեջ մարդկանց,
Խրտվիլակների։

II

Երազների մեջ վախենում եմ աչքեր տեսնել ― Մահվան երազի արքայությունում Չեն հայտնվում դրանք․ Այնտեղ աչքերը Արեւաշող են՝ ջարդված սյան վրա Այնտեղ, մի ծառ է օրորվում Իսկ ձայները Քամու երգի մեջ Մարող աստղից անգամ Հեռու են ու ավելի շքեղ։ Թող ես ավելի մոտ չլինեմ Մահվան երազի արքայությունում Ինքս էլ կկրեմ Նրբին դիմակներ Խաչված ցուպեր, առնետի ու ագռավի մորթ Ընդարձակ դաշտում Եւ միշտ քամուն հնազանդ, Ոչ ավելի մոտ․․․ Միայն չլինի վերջին հանդիպումը Աղջամուղջի արքայությունում։ </poem>

III

Սա մեռած երկիրն է,
Կակտուսի երկիրը
Այստեղ են հառնում քարե
Կուռքերը եւ ստանում
Ողորմածությունը մեռյալ ձեռքի
Հանգչող աստղերի շողի ներքո։
Այսպես է լինում
Մահվան մյուս արքայությունում
Արթնանալ մենակ
Այն ժամին երբ մենք
Դողում ենք քնքշանքից
Շուրթեր որոնք գիտեին համբուրել
Ջարդված քարին են աղոթք ասում։

IV

Աչքերն այստեղ չեն
Այստեղ աչքեր չկան
Մեռնող աստղերի այս դաշտավայրում
Սնամեջ դաշտում
Եւ մեր կորուսյալ արքայությունների
Ջարդված երախում
Որ վերջին վայրն է մեր հանդիպման
Մենք խարխափում ենք կուրացած
Եւ չենք խոսում
Հղի գետի ափին կանգնած
Կուրացած, մինչեւ
Աչքերն են հայտնվում
Ինչպես աստղը մշտնջենական
Կամ աղջամուղջի արքայության
Վարդը բազմաթերթ
Որ դատարկ մարդկանց
Հույսն է հավետ։

V

Շուրջպար ենք բռնել կակտուսի շուրջը
Կակտուսի շուրջը կակտուսի շուրջը
Շուրջպար ենք բռնել կակտուսի շուրջը
Առավոտվա ժամը հինգին
Գաղափարի եւ
Իրականության միջեւ
Ընթացքի եւ
Գործողության միջեւ
Ստվերն է ընկնում
Զի քոնն է Արքայությունը
Հղացման եւ
Արարման միջեւ
Զգացմունքի եւ
Պատասխանի միջեւ
Ստվերն է ընկնում
Կյանքը շատ երկար է
Ցանկության եւ
Ջղացնցման միջեւ
Կարողության
Եւ գոյության միջեւ
Էության
Եւ անկման միջեւ
Ստվերն է ընկնում
Զի քոնն է Արքայությունը
Զի քոնն է
Կյանքը
Զի քոնն է
Այսպես է վերջանում աշխարհը
Այսպես է վերջանում աշխարհը
Այսպես է վերջանում աշխարհը
Ոչ թե պայթյունով այլ կաղկանձով։