Changes

Սարյակ մի սպանիր․․․

Ավելացվել է 44 162 բայտ, 18:16, 12 Հուլիսի 2015
/* Գլուխ 23 */
== Գլուխ 23 ==
 
― Ես կնախընտրեի, որպեսզի Բոբ Յուելը ծխախոտ չծծեր,— այդ առթիվ Ատտիկուսը միայն այս ասաց։
 
Միսս Ստիվենի Կրոուֆորդի ասելով բանն եղել է այսպես։ Ատտիկուսը դուրս է գալիս փոստից, նրան է մոտենում միստեր Յուելը, հայհոյում է, թքում երեսին և սպառնում սպանել։ Միսս Ստիվենին ասաց (իսկ երբ նա այս բանը պատմում էր երկրորդ անգամ, ստացվում էր, որ իբր ինքն իր աչքերով տեսել էր, ճանապարհին, նպարեղենի խանութից գալիս), որ Ատտիկուսը հոնքն անգամ չշարժեց, այլ միայն հանեց թաշկինակը, սրբեց երեսը և հանգիստ կանգնած շարունակեց լսել Յուելի հայհոյանքները, և այն էլ ի՜նչ հայհոյանքներ, ինքը ոչ մի դեպքում չի կրկնի, ավելի շուտ լեզուն կկծի։ Միստեր Յուելը սովոր չէ այդպես բացեիբաց կռվելու, նա ուղղակի գազազել է, և քանի որ Ատտիկուսը նրա հայհոյանքին ոչ մի կերպ չպատասխանեց, վերցրեց ու ասաց, ինչ է, ասաց, սևամորթների կրունկները լիզելիս հպարտություն չես անում, այսպիսի ժամանա՞կ ես հպարտություն անում։ Չէ՛, ասաց Ատտիկուսը, ուղղակի ծեր եմ, ձեռքերը դրեց գրպանը և հեռացավ, պատմում էր միսս Ստիվենին։ Այդ բանում արդեն Ատտիկուս Ֆինչի նմանը չկա, երբեմն նա այնպե՜ս է կտրում․․․
 
Բայց ես և Ջիմը այս ամենը լսեցինք առանց որևէ բավականության։
 
― Այդուհանդերձ մի ժամանակ նա ամբողջ գավառում համարվել է անվրեպ նշանառու,— ասացի ես։— նա կարող էր․․․
 
― Նա հո զենքը հետն առած ման չի՞ գա, Մեծաչքանի,— ասաց Ջիմը։— Բացի այդ, նա զենք էլ չունի․․․ Չէ որ դու գիտես, նա բանտի մոտ էլ էր առանց հրացանի հսկում։ Նա ինձ ասաց՝ զենքով շրջել, նշանակում է գրգռել, որպեսզի քեզ վրա կրակեն։
 
― Հիմա այլ բան է,— ասացի ես։— Արի նրան խնդրենք, թող որևէ մեկից զենք վերցնի։
 
Մենք խնդրեցինք, բայց Ատտիկուսն ասաց՝ դատարկ բան է։
 
Դիլլն ասաց, որ մենք պետք է դիմենք Ատտիկուսի բարի սրտին, չէ՞ որ եթե միստեր Յուելը նրան սպանի, մենք քաղցից կմեռնենք, և բացի այդ, կընկնենք Ալեքսանդրա հորաքրոջ խնամակալության տակ, իսկ հետո պարզ է, հենց որ Ատտիկուսին թաղեն, Ալեքսանդրա հորաքույրը Կելպուրնիային դուրս կանի։ Ջիմն ասաց՝ գուցե Ատտիկուսի վրա ազդի, եթե ես ողբամ ու գետնին թավալ տամ, չէ՞ որ ես դեռ փոքր եմ, համ էլ աղջիկ։ Դա նույնպես չօգնեց։
 
Բայց հետո Ատտիկուսը նկատեց, որ մենք հուսալքված թափառում ենք տան շուրջը, չենք ուտում, թողել ենք բոլոր խաղերը և հասկացավ, թե ինչ աստիճանի ենք վախեցած։ Մի անգամ նա Ջիմի համար բերեց ֆուտբոլի նոր պարբերահանդես, սակայն Ջիմը մի կերպ թերթեց և գցեց մի կողմ։ Այդ ժամանակ Ատտիկուսը հարցրեց.
 
― Ի՞նչն է քեզ անհանգստացնում, որդիս։
 
― Միստեր Յուելը,— ուղղակի պատասխանեց Ջիմը։
 
― Իսկ ի՞նչ է պատահել։
 
― Ոչի՛նչ։ Մենք վախենում ենք քեզ համար, պետք է որ դու նրան մի որևէ բան անես։
 
Ատտիկուսը անուրախ քմծիծաղ տվեց.
 
― Իսկ ինչ անեմ նրան։ Ստիպեմ, որ չհարձակման պայմանագի՞ր ստորագրի։
 
― Երբ այդ մարդն ասում է, որ քեզ հետ հաշիվ է տեսնելու, դա կատակ չէ։
 
― Այն օրվա նրա արածը երբեք էլ կատակ չէր,— ասաց Ատտիկուսը։— Ջի՛մ, ապա փորձիր մի րոպեով մտնել Բոբ Յուելի կաշվի մեջ։ Դատարանում ես սպառիչ կերպով ապացուցեցի, որ նրա և ո՛չ մի խոսքին հավատալ չի կարելի, եթե մինչ այդ թեկուզ որևէ մեկը հավատացել է։ Նրան անհրաժեշտ էր, որ այդ բանի համար ինչ֊որ մեկից վրեժխնդիր լիներ, նրա նման մարդիկ այլ կերպ չեն կարող։ Է՛հ, ինչ արած, եթե այն բանի շնորհիվ, որ նա թքեց իմ դեմքին և սպառնաց սպանել, Մեյելլայի բաժին ծեծը ավելի քիչ կլինի, թո՛ղ այդպես լինի։ Չէ՞ որ հարկավոր էր, որ իր սրտի չարությունը որևէ մեկի վրա թափեր, ուրեմն ավելի լավ էր, որ ինձ վրա թափեր, քան իր երեխաների։ Հասկանո՞ւմ ես։
 
Ջիմը գլխով արեց։
 
― Մենք Բոբ Յուելից վախենալու կարիք չունենք, նա արդեն իր զայրույթր թափեց,— ասաց Ատտիկուսը։
 
Այդ միջոցին ներս մտավ Ալեքսանգրա հորաքույրը։
 
― Ես այդ բանում բոլորովին էլ այդ կարծիքին չեմ, Ատտիկուս,— ասաց նա։— Նման մարդիկ ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում, միայն թե վրեժը լուծեն։ Դու հո գիտես այդպիսիներին։
 
― Բայց նա ի՛նչ մի այնպիսի բան կարող է անել, քո՛ւյր։
 
― Գաղտնաբար մի որևէ գարշելի արարք,— ասաց Ալեքսանդրա հորաքույրը։— Դրանում մի կասկածիր։
 
― Մեյկոմբում դժվար թե կարելի լինի գաղտնաբար մի բան անել,— առարկեց Ատտիկուսը։
 
Մենք այլևս չէինք վախենում։ Ամառն անցավ, և մենք ժամանակն իզուր չէինք կորցնում։ Ատտիկուսը մեզ բացատրեց, որ Թոմ Ռոբինսոնին վտանգ չի սպառնում, մինչև որ նրա գործը չքննեն հաջորդ ատյանում, և որ նրան ավելի շուտ կազատեն կամ ծայրահեղ դեպքում կնշանակեն մի նոր դատաքննություն։ Իսկ առայժմ նա Էնֆիլդի ֆերմայում է, Չեստերյան շրջանում։ Մեյկոմբց յոթանասուն մղոն հեռավորության վրա։ Ես հարցրի, թե արդյոք թույլ տալի՞ս են, որ Թոմի կինը և երեխաները այցելեն, բայց Ատտիկուսն ասաց, որ թույլ չեն տալիս։
 
― Իսկ ի՞նչ կլինի նրա վերջը, եթե բողոքարկումը չօգնի,— մի առիթով երեկոյան հարցրի ես։
 
― Այդ դեպքում նրան կնստեցնեն էլեկտրական աթոռին,— ասաց Ատտիկուսը,— եթե միայն նահանգապետը չմեղմացնի դատավճիռը։ Կարիք չկա հուզվելու, Մեծաչքանի։ Մենք լիովին կարող ենք այդ գործը շահել։
 
Ջիմը պառկել էր բազմոցին և կարդում էր «Հհանրամատչելի մեխանիկա» պարբերահանդեսը։ Նա գլուխը բարձրացրեց և ասաց․
 
― Այդ բոլորը անարդարացի է։ Եթե Թոմը նույնիսկ հանցավոր էլ լինի, նա ոչ ոքի չի սպանել։ Նա ոչ ոքի կյանքից չի զրկել։
 
― Դու չգիտես, Ալաբամա նահանգի օրենքների համաձայն, բռնաբարության համար գոյություն ունի մահապատիժ,— ասաց Ատտիկուսը։
 
― Այո՛, սըր, բայց, միևնույն է, ատենակալները նրան չպետք է մահվան դատապարտեն․․․ Եթե անգամ որոշել էին, որ նա հանցավոր է, ապա թող դատապարտեին քսան տարի բանտարկության։
 
― Քսան տարվա,— ուղղեց նրան Ատտիկուսը։— Թոմ Ռոբինսոնը սևամորթ է, Ջիմ։ Մեր կողմերում ատենակալների ոչ մի կազմ նման մի գործ քննելով, չի ասի. «Մենք գտնում ենք, որ դու մեղավոր ես, բայց ոչ շատ»։ Այդտեղ կարող է լինել կամ արդարացում, կամ ամենագազան դատավճիռ։
 
Ջիմը գլուխը թափահարեց։
 
― Ո՛չ, այդ բոլորը ճիշտ չէ, բայց ես չեմ հասկանում, ինչո՞ւմն է սխալը․․․ Գուցե բռնաբարությունը չպետք է համարել այդպիսի ծանր հանցագործություն․․․
 
Ատտիկուսի ձեռքից լրագիրը ցած ընկավ հատակին։ Նա համաձայն է բռնաբարության վերաբերյալ գոյություն ունեցող օրենքին, միանգամայն համաձայն է, բայց խիստ վտանգավոր է, երբ միայն անուղղակի փաստանշանների վրա հիմնվելով, դատախազը պահանջում է մահվան դատավճիռ, և ատենակալներն էլ կայացնում են։ Այդտեղ նա նկատեց, որ ես էլ եմ լսում, ուստի բացատրեց․
 
― Այլ խոսքով, մարդուն մահվան դատապարտելու համար, ասենք՝ մարդասպանության դեպքում, պահանջվում է մեկ կամ երկու ականատես։ Անհրաժեշտ է, որպեսզի որևէ մեկը ասի՝ «Այո՛, ես այնտեղ եմ եղել, ես ինքս տեսել եմ, թե նա ինչպես կրակեց»։
 
― Բայց չէ՞ որ շատ-շատերին մահապատժի են ենթարկել հիմք ընդունելով անուղղակի փաստանշանները,— առարկեց Ջիմը։
 
― Գիտեմ, և նրանցից, հավանաբար, շատերը արժանի են եղել դրան․․․ Բայց երբ ականատես չկա, միշտ կասկածի տեղիք մնում է, ասենք՝ թեկուզ կասկածանքի ստվեր։ Օրենքը դա անվանում է «թույլատրելի կասկածանք», բայց, ըստ իս, մենք իրավունք չունենք ընդունելի համարելու կասկածանքի ստվերն անգամ։ Այլապես միշտ հնարավորություն է լինում թեկուզև փոքր հավանականությամբ, որ դատապարտյալը հանցավոր չէ։
 
― Նշանակում է, նորից սաացվում է այն, որ ամեն բանում հանցավորը ատենակալներն են։ Այդ դեպքում պետք է նրանց վերջ տալ,— համոզված ասաց Ջիմը։
 
Ատտիկուսը շատ աշխատեց ժպիտը զսպել, բայց չկարողացավ։
 
— Դու արդեն չափից դուրս խիստ ես մեզ հետ, որդիս։ Ես կարծում եմ, կարելի է ավելի լավ ելք գտնել՝ փոխել օրենքը։ Այնպես փոխել, որպեսզի ամենածանր հանցանքի դեպքում նույնիսկ պատժի չափը սահմանի միայն ինքը՝ դաաավորը։
 
— Այդ դեպքում գնա Մոնտգոմերի, թող օրենքը փոխեն։
 
― Դու նույնիսկ չես էլ կարող պատկերացնել, թե դա որքան դժվար բան է։ Իմ կյանքը չի բավականպցնի, որպեսզի տեսնեմ օրենքի փոփոխությունը, իսկ եթե դու այդ օրվան հասնես, արդեն ծերացած կլինես։
 
Ջիմին այդ դուր չեկավ։
 
― Ո՛չ, սըր, ատենակալներին պետք է վերջ տալ։ Հենց թեկուզ վերցնենք այս դեպքը, Թոմը հանցավոր չէ, իսկ նրանք, ասացին՝ հանցավոր է։
 
― Եթե այդ ատենակալների փոխարեն լինեիր դու և քեզ նման ևս տասնմեկ հոգի, ապա Թոմն արդեն ազատված կլիներ,— ասաց Ատտիկուսը։— Կյանքը դեռևս չի կարողացել քեզ ետ վարժեցնել պարզ և առողջ դատելուց։ Այն տասներկու ատենակալները, որոնք դատապարտեցին Թոմին, առօրյա կյանքում միանգամայն խելահաս մարդիկ են, բայց դու ինքդ տեսար՝ ինչ֊որ մի բան նրանց խանգարում էր, թույլ չէր տալիս ողջախոհ լինել։ Այդ նույն բանը դու տեսար այն գիշերը բանտի առաջ։ Նրանք հեռացան ոչ թե այն պատճառով, որ նրանց մոտ վեր բռնեց բանականությունը, այլ այն պատճառով, որ նրանք հանդիպեցին մեզ։ Մեր կյանքում ինչ֊որ մի բան կա, որից շատերը կորցնում են մարդկային կերպարանքը։ Նրանք կցանկանային լինել արդարամիտ, բայց արի տես, որ չեն կարողանում։ Երբ մեզ մոտ՝ դատարանում սպիտակամորթը դուրս է գալիս սևամորթի դեմ, ամեն դեպքում գործը շահում է սպիտակամորթը։ Այսպես է կյանքի չգունազարդված ճշմարտությունը։
 
― Միևնո՛ւյն է, անարդարացի է,— համառորեն ասաց Ջիմը։— Բռունցքով նա խփեց իր ծնկին։— Նման փաստանշանների դեպքում չի՛ կարելի մարդուն դատապարտել, չի կարելի, և ուրիշ ոչինչ։
 
― Ըստ քո դատողության չի կարելի, և դու չէիր դատապարտի, բայց տեսնո՞ւմ ես, նրանք դատապարտեցին։ Եվ որքան մեծանաս, այնքան ավելի կհանդիպես այդպիսի դեպքերի։ Դատարանում, առավել քան որևէ տեղ, մարդու հետ պետք է արդարացի վարվեն, ինչ գույնի էլ թեկուզ նրա մորթը լինի, բայց մարդիկ հնար են գտնում բերելու և ատենակալների աթոռներին իրենց հետ նստեցնելու բոլոր նախապաշարմունքները։ Որքան մեծանաս, այնքան ավելի կնկատես, թե ինչպես են սպիտակները ամեն օր, ամեն քայլափոխում խաբում սևամորթներին։ Ահա՛, լսիր, թե քեզ ինչ կասեմ, որդիս, և այդ լավ հիշիր․ եթե սպիտակամորթն այդպես է վարվում սևամորթի հետ, ապա այդ սպիտակամորթը, ո՛վ, էլ թեկուզ լինի, որքան էլ մեծահարուստ, ինչպիսի լավ ընտանիքից էլ դուրս եկած լինի, միևնույն է, նա տականք է։
 
Ատտիկուսը խոսում էր միանգամայն հանդարտ, բայց այդ վերջին բառը մեզ խլացրեց։ Ես գլուխս բարձրացրի, նրա աչքերը վառվում էին։
 
― Մի անարգ սպիտակամորթ, որն օգտվում է նեգրի տգիտությունից, ի՞նչը կարող է դրանից ավելի գարշելի լինել։ Չպետք է ինքնախաբեությամբ զբաղվել, միևնույն է, հաշիվը աճում է, և վաղ թե ուշ գալու է հատուցման ժամը։ Հույս ունեմ, որ դուք, ձեր սերունդը այս ապրումները չեք ունենա։
 
Ջիմը քորեց ծոծրակը։ Եվ հանկարծ լայն բացեց աչքերը։
 
― Ատտիկո՛ւս,— ասաց նա,— ինչո՞ւ մեզ և միսս Մոդիի նման մարդիկ երբեք ատենակալ չեն լինում։ Մեր քաղաքացիներից երբեք չեն լինում, այլ միայն նրանցից, որոնք ապրում են խուլ անկյուններում։
 
Ատտիկուսը թիկն տվեց իր ճոճաթոռում։ Չգիաես ինչու, նա շատ գոհ էր Ջիմից։
 
― Ես շարունակ սպասում էի, թե երբ պետք է այդ մտքին հանգես,— ասաց նա։— Դրա համար շատ պատճառներ կան։ Ամենից առաջ միսս Մոդին չի կարող ատենակալ լինել այն պատճառով, որ կին է․․․
 
Ես վրդովվեցի։
 
― Մի՞թե Ալաբամայում կանայք չեն կարող․․․
 
― Հենց այդպես։ Իմ կարծիքով, այդ արված է նրա համար, որպեսզի քնքուշ տիկիններին հեռու պահեն կեղտոտ գործերից, ինչպիսին, ասենք, Թոմի գործն է։ Եվ հետո,— Ատտիկուսը քմծիծաղ տվեց,— վախենում եմ, որ մենք ոչ մի քննություն էլ չկարողանայինք ավարտել. տիկինները ամբողջ ժամանակ հարցեր էին տալու։
 
Ես և Ջիմը քրքջացինք։ Այ, մի տեսնեինք միսս Մոդիին ատենակալ նստած։ Իսկ միսիս Դյուբոզն էլ իր անիվավոր բազկաթոռին բազմած. «Դադարեցրո՛ւ այդ թխկթխկոցը, Ջոն Թեյլոր, ես բաներ ունեմ հարցնելու այդ մարդուն»։ Պետք է խոստովանել, որ մեր նախնիները խելացի էին մտածել։
 
― Իսկ ինչ վերաբերում է մեզ նման մարդկանց, ապա մենք էլ նրանց պես մի բան ենք,— շարունակեց Ատտիկուսը։— Մեզ տալիս են այնպիսի ատենակալներ, ինչպիսիներին հենց արժանի ենք։ Նախ՝ մեր քաջարի մեյկոմբցիները չափազանց անտարբեր են։ Երկրորդ՝ վախկոտ, են, հետո՝ նրանք․․․
 
― Ինչո՞ւ են վախենում,— հարցրեց Ջիմը։
 
― Ասենք՝ այսպես․․․ ասենք թե միստեր Լինկ Դիզը պետք է որոշեր, թե միսս Ռեյչելը որքան պետք է վճարի միսս Մոդիին, եթե նա, ասենք, մեքենայով խփել վայր է գցել նրան։ Չէ՞ որ Լինկը չի ցանկանա կորցնել իր ոչ մի գնորդուհուն, ճի՞շտ է։ Ահա նա էլ դատավոր Թեյլորին կասի, որ հնարավորություն չունի դատարանի նիստին մասնակցելու, քանի որ խանութը չի կարող ոչ ոքի թողնել։ Եվ դատավոր Թեյլորը նրան ազատում է։ Երբեմն թեկուզ բարկանա էլ, բայց այդուհանդերձ թույլ կտա։
 
― Իսկ ինչո՞ւ է միստեր Դիզը կարծում, թե միսս Մոդին կամ միսս Ռեյչելը կդադարեն նրանից գնումներ կատարել,— հարցրի ես։
 
― Միսս Ռեյչելը կդադարի, իսկ միսս Մոդին՝ ոչ,— ասաց Ջիմը։— Ատտիկուս, բայց չէ որ այդ գաղտնիք է, թե ատենակալներից ով ում օգտին է ձայն տալիս։
 
Հայրս քմծիծաղ տվեց։
 
— Դու դեռ շատ բան ունես հասկանալու, որդիս։ Այո, ենթադրվում է, որ դա գաղտնիք է։ Դառնալով ատենակալ, տվյալ անձնավորությունը պարտավոր է որոշումներ ընդունել և այդ մասին ասել։ Մարդիկ այդ չեն սիրում։ Չէ որ միշտ չէ, որ դա հաճելի է։
 
― Իսկ ինչ վերաբերում է Թոմին, ապա ինչ կասկած, որ ատենակալները որոշումը հապճեպորեն կայացրին,— փնթփնթաց Ջիմը։
 
Ատտիկուսը մատները խրեց ժամացույցի գրպանիկը։
 
― Ո՛չ, ո՛չ հապճեպորեն,— ասաց նա համարյա ինքնիրեն։— Հասկանո՞ւմ ես, հենց դրա համար էլ ես մտածում էի՝ գուցե դա, այնուամենայնիվ, սկիզբն է։ Ատենակալների խորհրդակցությունը ժամեր տևեց։ Դատավճիռը, հավանաբար, միևնույն է, կանխորոշված էր, բայց սովորաբար նման գործերը խլում են մի քանի րոպե։ Իսկ այս անգամ․․․— Ատտիկուսը խոսքի կեսին լռեց և նայեց մեզ։— Ձեզ, երևի, հետաքրքիր կլինի գիտենալ, որ այնտեղ մի ատենակալ կար, որին զոռով կոտրեցին․․․ Նա սկզբից ևեթ պահանջում էր անվերապահորեն արդարացնել։
 
― Այդ ո՞վ է եղել,― զարմացավ Ջիմը։
 
Ատտիկուսի աչքերն ուրախ փայլեցին։
 
― Պետք չկար ասելու, բայց, այնուամենայնիվ, ձեզ կասեմ։ Դա ձեր բարեկամներից մեկն է՝ Հին Սարեմից։
 
― Կանինգհեմների՞ց,— բղավեց Ջիմը։— Նրանցից․․․ Ես ոչ ոքի չեմ տեսել․․․ Չէ՛, դու կատակ ես անում։— Նա աչքի տակով նայեց Ատտիկուսին։
 
― Դա նրանց ազգականն է։ Ես հենց որ զգացի, չուզեցի հեռացնել։ Երբ զգացի, կարող էի հեռացնել, բայց չարեցի։
 
― Գժվե՛լ կարելի է,— ապշեց Ջիմը,— մի ժամ առաջ քիչ էր մնում Թոմին սպանեն, իսկ մի ժամ հետո քիչ է մնում ազատեն․․․ Ո՛չ, ես բնավ չեմ հասկանա, թե սա ինչ ժողովուրդ է իսկապես։
 
Ատտիկուսն ասաց՝ հարկավոր է ուղղակի նրանց ճանաչել։ Նա ավելացրեց՝ այն օրվանից, ինչ Կանինգհեմները գաղթել են Նոր Աշխարհ, նրանք ոչ ոքից ոչինչ ոչ վերցրել են և ոչ էլ փոխ առել։ Եվ մի բան էլ․ բավական է արժանանաս նրանց հարգանքին, որ քեզ համար պատրաստ լինեն իրենց գցելու թեկուզ կրակը, թեկուզ ջուրը։ Իսկ իրեն թվում է, ոչ, ավելի ճիշտ պատկերանում է, ասաց Ատտիկուսը, որ այն գիշերը, երբ նրանք բանտից ետ դարձան, հարգանքով համակվեցին Ֆինչերի նկատմամբ։ Եվ հետո, ասաց նա, Կանինգհեմի համոզմունքը հրաշքը միայն կարող է փոխել, այն էլ, եթե հրաշքին մեկ ուրիշ Կանինգհեմ միանա։
 
― Եթե այդ կազմում երկու Կանինգհեմ լինեին, ատենակալները ոչ մի դեպքում նման դատավճիռ չէին կայացնի։
 
― Եվ դու ատենակալների կազմից հեռացնել չտվեցիր մի մարդու, որը դրա նախօրյակին ուզում էր քեզ սպանել,— դանդաղորեն ասաց Ջիմը։— Ինչպե՞ս կարողացար այդպիսի ռիսկի դիմել, ասա, ինչպե՞ս կարողացար։
 
― Եթե մանրամասն վերլուծենք, ռիսկն այնքան էլ մեծ չէր։ Ի՞նչ տարբերություն երկու մարդկանց միջև, եթե նրանք երկուսն էլ պատրաստ են մեղադրյալին դատապարտել։ Մինչդեռ այդ երկուսի միջև տարբերություն կա մեկը պատրաստ է դատապարտել, իսկ մյուսը մոլորության մեջ է, տարբերություն կա, համաձա՞յն ես։ Եվ ամբողջ ցուցակից ես միայն նրան էի կասկածում, թե ինչպես կքվեարկի։
 
― Իսկ նա միստեր Ուոլտեր Կանինգհեմին ի՞նչ է գալիս,— հարցրի ես։
 
Ատտիկուսը վեր կացավ, ձգվեց և հորանջեց։ Նույնիսկ մեզ համար էլ էր վաղ քնելու համար, բայց նա ուզեց լրագիր կարդալ։ Հատակից վերցրեց լրագիրը, ծալեց և նրանով թեթևակի խփեց գագաթիս։
 
― Հիմա հաշվենք,— խլացուցիչ ձայնով ասաց նա։― Ահա՛, այսպես։ Կրկնակի արյունակից։
 
― Այդ ինչպե՞ս կլինի։
 
― Երկու քույրեր ամուսնացել են երկու եղբայրների հետ։ Ուրիշ ոչինչ չեմ ասի, ինքդ կռահիր։
 
Ես մտածեցի, մտածեցի և եկա հետևյալ եզրակացության․ եթե ես ամուսնանայի Ջիմի հետ, իսկ Դիլլն էլ քույր ունենար, որի հետ էլ նա ամուսնանար, ապա մեր երեխաները կլինեին կրկնակի արյունակից։
 
― Ահա թե ինչ,— ասացի ես, երբ Ատտիկուսը գնաց։― Ի՜նչ տարօրինակ մարդիկ են այդ Կանինգհեմները։ Հորաքույր, դուք լսեցի՞ք։
 
Ալեքսանդրա հորաքույրը հելունով փոքրիկ գորգ էր հյուսում և մեզ չէր նայում, բայց ականջ էր դնում։ Նա նստած էր իր բազկաթոռում, աշխատանքային զամբյուղը դրված էր նրա կողքին՝ հատակի վրա, իսկ գորգի ծայրերը փռված էին ծնկներին։ Ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ինչու իսկական լեդիները բրդյա փոքրիկ գորգերը հյուսում են տարվա ամենաշոգ ժամանակ։
 
― Այո, լսեցի,— ասաց նա։
 
Ես հիշեցի վաղուց պատահած այն չարաբաստիկ պատմությունը, երբ ես նետվեցի փրկելու Ուոլտեր Կանինգհեմ կրտսերին։ Ինչ լավ եղավ, որ այն ժամանակ ես այդպես վարվեցի։
 
― Այ, երբ դպրոց գնանք, ես Ուոլտերին նույնիսկ կհրավիրեմ մեզ մոտ ճաշի,— հայտարարեցի ես, միանգամայն մոռանալով, որ ես երդվել էի առաջին իսկ հանդիպման ժամանակ դնգսել նրան։— Կարելի է դասերից հետո էլ կանչել մեզ մոտ։ Իսկ երբևիցե մեզ մոտ թերևս գիշերն էլ մնա, այնպես չէ՞, Ջիմ։
 
― Այդ հետո կտեսնենք,— ասաց Ալեքսանդրա հորաքույրը։
 
Այդ խոսքերը նրա մոտ միշտ նշանակում էին սպառնալիք, և ոչ բնավ խոստում։ Ես զարմացա։
 
— Իսկ ինչո՞ւ ոչ, հորաքույր։ Նրանք լավ մարդիկ են։
 
նա ինձ վրա նայեց իր աշխատանքային ակնոցի վրայից։
 
― Ես երբեք չեմ կասկածում, որ նրանք լավ մարդիկ են, Ջին Լուիզա։ Բայց նրանք մեր շրջանի մարդիկ չեն։
 
― Հորաքույրն ուզում է ասել, որ նրանք անտաշ են, Մեծաչքանի,—— մեկնաբանեց Ջիմը։
 
― Իսկ աչդ ի՞նչ է նշանակում՝ անտաշ։
 
— Դե, աչսպես ասած՝ կոպիտ մարդ, որը սիրում է բարձր հնչող երաժշտություն և այլ նման բաներ։
 
― Մե-ե՜ծ բան է, ես ինքս էլ եմ սիրում։
 
― Հիմարութչուններ դուրս մի՛ տուր, Ջին Լուիզա,— ասաց Ալեքսանդրա հորաքույրը։— Բանը նրանումն է, որ եթե Ուոլտեր Կանինգհեմին նույնիսկ փայլեցնելու աստիճանի լվանաս, նոր կոշիկներ հագցնես և նոր զգեստ, միևնույն է, նա չի լինի այնպիսին, ինչպիսին Ջիմն է։ Դրան պետք է ավելացնել նաև այն, որ բոլոր Կանինգհեմները չափազանց հակված են դեպի ոգելից խմիչքները։ Ֆինչերի տոհմից դուրս եկած կանայք չեն հետաքրքրվում նման մարդկանցով։
 
― Հո֊րա֊քո՜ւյր,— ծոր տալով ասաց Ջիմը,— նրա դեռ ինը տարին չի լրացել։
 
― Միևնույն է, թող գիտենա։
 
Ալեքսանդրա հորաքրոջ հետ վիճելն անօգուտ էր։
 
Ես անմիջապես հիշեցի, ինչպես Ալեքսանդրա հորաքույրը վերջերս ինձ ընդդիմացավ։ Թե ինչու, ես այդպես էլ չհասկացա։ Ես այն ժամանակ երազում էի լինել Կելպուրնիայենց տանը, որն ինձ անչափ հետաքրքրում էր, ես ուզում էի լինել նրա հյուրը, տեսնել, թե ինչպես է նա ապրում, տեսնել նրա բարեկամներին։ Բայց բանից պարզվեց, որ դա նույնքան անհնար է, որքան լուսնի վրա լինելը։
 
Այս անգամ Ալեքսանդրա հորաքրոջ գործելակերպը այլ էր, բայց նպատակը՝ նույնը։ Գուցե նա փոխադրվել էր մեզ մոտ հենց նրա համար, որպեսզի մեզ օգներ բարեկամների ընտրության գործում։ Ես կարող էի ինչքան ասեք վիճել.
 
― Դե, քանի որ նրանք լավ մարդիկ են, ապա ինչո՞ւ չեմ կարող լավ վարվել Ուոլտերի հետ։
 
― Ես քեզ չեմ առաջարկել նրա հետ վատ վարվել։ Եղիր նրա հետ քաղաքավարի և սիրալիր, ամենքի հետ էլ պետք է լինել սիրալիր, անուշիկս։ Բայց բոլորովին անհրաժեշտություն չկա, որ նրան տուն հրավիրես։
 
― Հորաքո՛ւյր, իսկ եթե նա մեզ ազգական լիներ։
 
― Բայց նա մեզ ազգական չէ, իսկ եթե նույնիսկ այդպես էլ լիներ, միևնույն է, ես քեզ նույնը կասեի։
 
― Հորաքույր,— միջամտեց Ջիմը,— Ատտիկուսն ասում է, բարեկամներին ընտրում ես, իսկ ազգականներին էլ հո ընտրել չե՞ս կարող, նրանց ուզում ես ընդունիր, ուզում ես մի րնդունիր, միևնույն է, նրանք ազգականդ են, և նրանց չընդունելը պարզապես հիմարություն է։
 
― Օ՜, իսկույն երևում է, որ հորդ խոսքերն են,— ասաց Ալեքսանդրա հորաքույրը,— բայց այդուհանդերձ կրկնում եմ՝ հարկ չկա, որ Ջին Լուիզան Ուոլտեր Կանինգհեմին հրավիրի այս տունը։ Թեկուզ նա լինի կրկնակի արյունակից ազգական, միևնույն է, ոչ մի կարիք չկա նրան ընդունելու, այս տունը, եթե միայն նա Ատտիկուսի մոտ գործով չի եկել։ Եվ բավական է այդ մասին խոսեք։
 
Արգելքը վերջնական էր և անդարձ, բայց, այնուամենայնիվ, այժմ հորաքույրը պետք է բացատրություն տար։
 
― Հորաքո՛ւյր, իսկ ես ուզում եմ Ուոլտերի հետ խաղալ, ինչո՞ւ չի կարելի։
 
Ալեքսանդրա հորաքույրը հանեց ակնոցը և շեշտակի նայեց ինձ։
 
― Ահա թե ինչու,— ասաց նա։— Որովհետև նա տակա՛նք է։ Ահա՛ թե ինչու ես թույլ չեմ տա, որ նրա հետ խաղաս։ Ես չեմ հանդուրժի, որպեսզի դու նրա հետ ընկերակցես և ընդօրինակես նրա սովորությունները, և սովորես նրանից, աստված գիտե, թե ինչ։ Առանց այն էլ հայրդ շատ հոգսեր ունի քեզ հետ կապված։
 
Ես արդեն չգիտեմ ինչ կանեի, եթե Ջիմը չլիներ։ Նա բռնեց իմ ուսերից, մի ձեռքով գրկեց և տարավ իր մոտ։ Ատտիկուսը լսեց, թե ինչպես եմ հեկեկում զայրույթից, և դռնից նայեց,
 
― Այդ ոչինչ, սըր,— բարկացած ասաց Ջիմը,— հենց այնպես։
 
Ատտիկուսը անհետացավ։
 
― Ահա, վերցրու, Մեծաչքանի,— Ջիմը գրպանում փնտրեց և մի փոքրիկ ծրարով ծամոն հանեց։ Ես դա կամաց֊կամաց ծամեցի, որպեսզի համը լավ զգամ։
 
Ջիմը սկսեց կարգի բերել իր սեղանը։ Նրա ճակատի և ծոծրակի մազերը ցից-ցից կանգնած էին։ Հավանական է, դրանք երբեք էլ իսկական տղամարդավարի նրա գլխին չէին պառկի, կամ էլ թերևս միայն այն դեպքում, եթե մազերը խուզեր և նոր բուսածները կանոնավոր, ինչպես որ հարկն է, նստեին գլխին։ Նրա հոնքերը խտացել էին, ինքն էլ բարակել էր, երկարել և շարունակ բարձրանում էր, ձգվում վեր։
 
Նա նայեց ինձ և հավանաբար մտածեց, որ ես նորից ձայնս գլուխս կգցեմ, որովհետև ասաց․
 
― Ես հիմա քեզ մի բան եմ ցույց տալու։ Բայց ոչ ոքի չասես։— Ես հարցրի՝ իսկ ի՞նչ։ Նա շփոթված ժպտաց և արձակեց շապիկի կոճակները։
 
― Դե ասա, ի՞նչ։
 
― Մի՞թե չես տեսնում։
 
― Ոչինչ չեմ տեսնում։
 
― Մազերը, էլի։
 
― Ո՞ւր է։
 
― Դե հրես, էլի։
 
Նա հենց նոր ինձ մխիթարել էր, և ես ասացի՝ ի՜նչ հրաշալի բան, բայց ոչինչ չտեսա։
 
― Ճի՛շտ, շատ լավ է, Ջիմ։
 
― Եվ թևերիս տակն էլ,— ասաց նա։— Եկող տարի արդեն կարելի է ֆուտբոլ խաղալ։ Մեծաչքանի, հորաքրոջ վրա մի չարացիր։
 
Կարծեմ հենց երեկ երեկոյան էր, երբ նա ինձ ասաց, որպեսզի հորաքրոջը չչարացնեմ։
 
― Հասկանո՞ւմ ես, նա աղջիկների հետ վարվել չգիտի։ Համենայն դեպս, այնպիսիների հետ, ինչպիսին դու ես։ Նա ուզում է քեզ դաստիարակել, լեդի դարձնել։ Միգուցե լավ կլիներ, որ դու զբաղվեիր կարով կամ նման մի բանով։
 
― Ո՜նց չէ։ Նա ուղղակի ինձ տանել չի կարողանում։ Թող այդպես լինի։ Բայց ես Ուոլտեր Կանինգհեմի պատճառով կատաղեցի, որ նրան անվանեց տականք, և ամենևին էլ ոչ այն պատճառով, որ նա ասաց, թե իբր Ատտիկուսը շատ հոգսեր ունի ինձ հետ կապված։ Մի անգամ ես և Ատտիկուսը այդ բոլորը պարզեցինք։ Ես հարցրի, իրո՞ք նա ինձ հետ կապված շատ հոգսեր ունի։ Իսկ նա ասաց, ոչ այնքան շատ, հետո էլ թե՝ քեզանից բաներ մի հնարիր, թե ինձ նեղություն ես պատճառում։ Ո՛չ, այդ Ուոլտերի պատճառով եղավ․․․ Ջի՛մ, Ուոլտերը բոլորովին տականք չէ։ Նա ամենևին էլ այն չէ, ինչ Յուելը։
 
Ջիմը հանեց կոշիկները և ոտքերը դրեց անկողնու վրա։ Բարձը դրեց մեջքի ետևը ու վառեց իր գլխավերևում կախված լամպիկը։
 
― Գիտե՞ս ինչ, Մեծաչքանի։ Ես այժմ լավ հասկացել եմ։ Ես անընդհատ մտածում էի, մտածում և ահա հասկացա։ Աշխարհում կան չորս կարգի մարդիկ։ Սովորականներ՝ ահա ինչպես մենք և մեր հարևանները. հետո այնպիսիները, ինչպես Կանինգհեմները՝ անտառաբնակ մարդիկ, հետո այնպիսիները, ինչպես այդ աղբանոցի Յուելներն են, և մեկ էլ նեգրեր։
 
― Հապա չինացիները և կանադացիները, որ ապրում են Բոլդուին շրջանում։
 
― Ես խոսում եմ Մեյկոմբ շրջանի մասին։ Ամբողջ հարցը նրանումն է, որ մենք չենք սիրում Կանինգհեմներին, Կանինգհեմները չեն սիրում Յուելներին, իսկ Յուելներն ուղղակի չեն կարողանում հանդուրժել սևամորթներին։
 
Ես ասացի՝ եթե այդ այդպես է, հապա ինչո՞ւ ատենակալները, որոնք կարծես թե բոլորն էլ Կանինգհեմների նման մարդիկ էին, չարդարացրին Թոմին ի հեճուկս Յուելների։
 
Ջիմն իմ ասածը ականջի ետև գցեց և գլուխը պրծացրեց ինչպես երեխայից։
 
― Գիտես, ես ինքս եմ տեսել, թե ինչպես երբ ռադիոն երաժշտություն է հաղորդում, Ատտիկուսը դոփում է ոտքով,— ասաց Ջիմը,— և նա չափազանց սիրում է թավայի տակի քերածը․․․
 
― Նշանակում է, մենք էլ ենք Կանինգհեմների նման,— ասացի ես։— Հապա էլ ինչո՞ւ է հորաքույրը․․․
 
― Ո՛չ, սպասիր, կարծես այդպես է, կարծես թե, բայց ոչ լիովին։ Ատտիկուսը մի անգամ ասաց, որ մեր ամբողջ ժառանգությունը լավ ծագումն է, իսկ հարստություն՝ ոչ մի կոպեկ, ահա թե ինչու է հորաքույրն այնքան պարծենում ընտանիքով։
 
― Այնուամենայնիվ ես չեմ հասկանում, Ջիմ․․․ Ատտիկուսը մի անգամ ինձ ասաց, թե հին տոհմի վերաբերյալ այդ բոլոր խոսակցությունները, որ կան, սոսկ հիմարություն են, որ բոլոր ընտանիքները միանման հին են։ Իսկ ես հարցրի՝ սևամորթների ու անգլիացիների մո՞տ էլ։ Եվ նա ասաց՝ իհարկե։
 
― Ծագումը նույնը չէ, ինչ հինավուրց տոհմը,— ասաը Ջիմը։— Ես կարծում եմ, որ այստեղ բանն այն է, թե վաղուցվանի՞ց է քո ընտանիքը կարդալ, գրել կարողանում։ Մեծաչքանի, դու գիտես, թե դրա վրա ես որքան եմ գլուխ ցավեցրել, և, իմ կարծիքով, դրանում է կայանում ողջ էությունը։ Վաղուց, շատ վաղուց, երբ Ֆինչերը դեռ ապրելիս են եղել Եգիպտոսում, նրանցից որևէ մեկը, երևի, սովորել է երկու-երեք հիերոգլիֆ, իսկ հետո սովորեցրել է որդուն.— Ջիմը ծիծաղեց։— Պատկերացնո՞ւմ ես, հորաքույրը հպարտանում է, որ նրա պապի պապը կարդալ և գրել է իմացել․․․ Ուղղակի մարդու ծիծաղ է գալիս, թե կանայք ինչով կարող են հպարտանալ։
 
― Դե, շատ լավ է, որ կարողացել է, թե չէ ով պետք է գրագիտություն սովորեցներ Ատտիկուսին և բոլոր նախնիներին, իսկ եթե Ատտիկուսը կարդալ չիմանար, ապա ես էլ, դու էլ կորած էինք։ Ոչ, Ջիմ, ես կասեմ, որ լավ ծագումը դա ինչ֊որ ուրիշ բան է։
 
― Այդ դեպքում քո կարծիքով ինչո՞վ ենք մենք, այնուամենայնիվ, տարբերվում Կանինգհեմներից։ Միստեր Ուոլտերը, ես ինքս եմ տեսել, դժվարությամբ է ստորագրում։ Պարզապես մենք կարդում և գրում ենք ավելի վաղուցվանից, քան նրանք։
 
― Բայց չէ՞ որ ոչ ոք գրագետ չի ծնվում, պետք է ամենքն էլ նախ և առաջ սովորեն։ Գիտե՞ս, թե Ուոլտերը որքան ընդունակ է, նա միայն երբեմն ետ է մնում այն պատճառով, որ դասեր է բաց թողնում, որովհետև օգնում է հորը։ Իսկ որպես մարդ իսկական մարդ է։ Ոչ, Ջիմ, իմ կարծիքով, բոլոր մարդիկ միատեսակ են։ Պարզապես մարդիկ են։
 
Ջիմը շուռ եկավ և բռունցքով խփեց բարձին։ Իսկ երբ նորից երեսն արեց ինձ, արդեն ամպի պես մռայլ էր։ Դարձյալ նա հուզվեց, ես գիտեի, այդպիսի դեպքում պետք է զգույշ լինել։ Հոնքերը ձգվել են, շրթունքները թելի պես բարակել։ Նա երկար ժամանակ լուռ էր։
 
― Քո տարիքում ես էլ էի այդպես մտածում,— ասաց նա վերջապես։— Եթե բոլոր մարդիկ միանման են, հապա ինչո՞ւ չեն կարողանում համերաշխ ապրել իրար հետ։ Եթե բոլորը միանման են, հապա ինչո՞ւ են նրանք այդպես գոռոզանում և արհամարհում միմյանց։ Գիտես, Մեծաչքանի, ես, թվում է, սկսում եմ որոշ բաներ հասկանալ։ Կարծես ես սկսում եմ հասկանալ, թե ինչու Զարզանդ Ռեդլին իր ողջ կյանքում փակված է չորս պատի մեջ և դուրս չի գալիս։ Պարզապես չի ուզում մարդկանց հետ շփվել։
== Գլուխ 24 ==
Վստահելի
83
edits