Սպիավոր մարդը

Գրապահարան-ից
Սպիավոր մարդը

հեղինակ՝ Ջեկ Լոնդոն
թարգմանիչ՝ Վահան Վարդանյան

Ջեկոբ Քենթը ամբողջ կյանքում համակված է եղել ագահությամբ։ Այդ հիվանդությունը մշտական անվստահություն էր զարգացրել նրա մեջ, և այնքան էր փչացրել նրա բնավորությունը, որ հետը գործ ունենալը շատ տհաճ բան էր։ Նա աչքի էր ընկնում ծայրահեղ համառությամբ ու մտքի դանդաղաշարժությամբ, և, ի լրումն այս ամենի՝ լուսնոտ էր։

Քենթը գրեթե օրորոցից ջուլհակ էր եղել մինչև այն պահը, երբ Քլոնդայկի տենդը թափանցեց նրա արյան մեջ ու նրան կտրեց հաստոցից։ Քենթի տնակն ընկած էր Վաթսուներորդ Մղոն պահակակետի ու Սթյուարտ գետի միջև, կես ճան ապարհին, և սովորաբար այստեղով Դոուսոն գնացող ճանապարհորդները Ջեկոբ Քենթին համեմատում էին ավազակ աղայի հետ, որը նստել է ամրոցում ու մաքս է վերցնում իր կալվածքների անսարքին ճանապարհներով անցնող քարավաններից։ Այսպիսի համեմատություն անելու համար պատմությունից ինչ֊որ գիտելիքներ պետք է ունենալ։ Իսկ Սթյուարտ գետի ափերի ոչ այնքան կրթված ոսկի որոնողները Քենթին բնութագրում էին ավելի պարզունակ արտահայտություններով, որոնցում գերիշխում էին թունդ ածականները։

Ի դեպ պետք է ասել, որ տնակը բոլորովին էլ նրանը չէր։ Այն դրանից մի քանի տարի առաջ կառուցել էին երկու ոսկի որոնողներ, որոնք անտառանյութով բեռնված լաստանավը քշել բերել էին այդտեղ։ Այդ ոսկի որոնողները բավականաչափ հյուրընկալ մարդիկ էին, և նույնիսկ հետո, երբ տնակն արդեն դատարկ էր, տնակի արահետն իմացող ճանապարհորդները սովորաբար աշխատում էին այստեղ հասնել մութն ըկնելուց առաջ։ Դա շատ հարմար էր, քանի որ խնայում էր ճամբար խփելու վրա ծախսվող աշխատանքն ու ժամանակը։ Նույնիսկ գոյություն ուներ մի չգրված կանոն, որի համաձայն տնակում գիշերող յուրաքանչյուր մարդ հաջորդի համար մի մեծ կապոց փայտ էր թողնում։ Հազվադեպ գիշեր էր լինում, որ մի երկու տասնյակ մարդ չհավաքվեր այստեղ։ Ջեկոբ Քենթը այդ նկատեց, և օգտվելով այն բանից, որ տնակը տեր չուներ, ինքնակամ կերպով փոխադրվեց այնտեղ ապրելու։ Այդ օրից ի վեր հոգնած ճանապարհորդները ստիպված էին հատակին գիշերելու համար մարդագլուխ մեկ դոլլար տալ դրամաշորթին։ Ջեկոբ Քենթը ինքն էր կշռում իրեն վճարվող ոսկե ավազը և անպայման խարդախություն էր անում։ Դրանից բացի, նա կարողացել էր գործն այնպես դասավորել, որ ժամանակավոր կենվորները փայտ էին ջարդում ու ջուր բերում իր համար։ Դա իսկական թալան էր, բայց Քենթի զոհերը՝ բարեսիրտ ու անքեն մի ժողովուրդ, նրան ատելով հանդերձ, այնուամենայնիվ, չէին խանգարում ապօրինություն անելու և հարստանալու։

Ապրիլյան մի օր Քենթը նստել էր իր տնակի դռանը, հրճվում էր գարնանային արևի վաղաժամ ջերմությամբ ու ճանապարհին նայում, ինչպես մի գիշատիչ սարդ, որը նոր զոհեր է փնտրում իր սարդոստայնի համար։ Ներքևում ընկած էր երկու մղոն լայնությամբ Յուքոնը՝ մի իսկական սառցածով, որը երկու մեծ ոլորաններով գնում էր հեռու՝ դեպի հյուսիս ու դեպի հարավ։ Նրա անհարթ մակերևույթի վրայով անցնում էր մի սահնակաճամփա՝ ձյան մեջ բացված մեկուկես ոտնաչափ լայնությամբ և երկու հազար մղոն երկարությամբ մի նեղ կածան։ Ճանապարհի ամեն մի ոտնաչափը ավելի շատ անեծքներ էր լսել, քան ամբողջ քրիստոնեական աշխարհում ու նրա սահմաններից դուրս գտնվող որևէ մեկ ուրիշ ճանապարհ։

Այսօր Ջեկոբ Քենթը հիանալի տրամադրության մեջ էր։ Այս գիշեր նա ռեկորդ էր խփել․ իր հյուրընկալությունը վաճառել էր ոչ ավելի, ոչ պակաս, քսանութ այցելուների։ Իհարկե, շատ անհարմար էր ու նրանցից չորսը մինչև առավոտ խռմփացրին հատակին, հենց իր մահճակալի մոտ։ Բայց դրա փոխարեն ոսկե ավազով տոպրակի քաշը նկատելիորեն ավելացավ։ Այդ տոպրակը իր պարունակած փայլուն դեղին գանձով Քենթի կյանքի մեծագույն հրճվանքն էր և միևնույն ժամանակ մեծագույն տանջանքը։ Նրա փոքրիկ տարածության մեջ տեղավորված էին երկինքն ու դժոխքը։ Քանի որ մեկ սենյականոց տնակում, բնականաբար, հնարավոր չէր որևէ բան թաքցնել օտար աչքից, ապա Քենթը միշտ համակված էր այն սարսափով, թե իրեն կկողոպտեն։ Այդ մազակալած ավազակների համար տոպրակ թռցնելը մեծ բան չէ։ Քենթը երազում միշտ տեսնում էր, թե ինչպես են գողանում իր գանձը, և արթնանում էր մղձավանջից տանջված։ Այդ երազը այնքան հաճախ էր հետապնդում նրան, որ նա շատ լավ հիշում էր ավազակների դեմքերը, առանձնապես նրանց պարագլխի դեմքը՝ արևայրուքից բրոնզացած և աջ այտի վրա սպի։ Այդ կտրիճը բոլորից շատ էր հայտնվում երազում, նրա վախից Քենթը, առավոտյան արթնանալով, իր պարկի համար տասնյակ գաղտնի տեղեր էր գտնում տնակի ներսում ու դրսում։ Իր գանձը տեղից֊տեղ թաքցնելով, նա թեթևացած շունչ էր քաշում ու մի քանի գիշեր հանգիստ քնում, իսկ հետո նորից երազում սպիավոր մարդուն էր տեսնում հենց այն ժամանակ, երբ սա տանում էր նվիրական տոպրակը։ Գողի հետ կռվելու ամենաթունդ պահին արթնանալով, Քենթն անմիջապես դուրս էր թռչում անկողնից և տոպրակը փոխադրում մի նոր ավելի հուսալի թաքստոց։ Չի կարելի ասել, թե նա ամբողջությամբ իր հալյուցինացիաների իշխանության տակ էր։ Բայց նա հավատում էր կանխազգացումներին ու մտքերը հեռավորության վրա հաղորդելուն, և կողոպտիչները նրան ներկայանում էին իրական, կենդանի մարդկանց աստեղային մարմիններով, որոնք այդ պահին ինչ֊որ մեկ ուրիշ տեղ գտնվելով, մտովի հարձակվում են իր հարստության վրա։ Այնուամենայնիվ, Ջեկոբ Քենթը շարունակում էր կողոպտել իր մոտ ապաստան փնտրող մարդկանց, բայց իր տոպրակի մեջ ընկած ոսկու ամեն մի նոր ունցիան ավելացնում էր նրա տանջանքները։

Նստել էր նա տնակի մոտ ու տաքանում էր արևի տակ, երբ հանկարծ մի անսպասելի մտքից շանթահարված՝ վեր թռավ։ Նրա համար գերագույն հաճույք էր իր կուտակած ոսկե ավազը անընդհատ կշռելն ու վերակշռելը։ Բայց այդ հրճվանքը փոքր֊ինչ մթագնում էր մի հանգամանք, որը մինչև հիմա նա չէր կարողացել վերացնել։ Նրա կշեռքը շատ փոքր էր, նրանով կարելի էր միանգամից կշռել մեկուկես ֆունտից (այսինքն տասնութ ունցիայից) ոչ ավելի, իսկ նա արդեն մոտավորապես երեք անգամ ավելի շատ էր կուտակել։ Ոչ մի կերպ չէր հաջողվում ամբողջ ոսկին միանգամից կշռել։ Եվ Քենթին թվում էր, թե դա իրեն զրկում է հարստությունը իր ամբողջ վեհությամբ տեսնելու հնարավորությունից։ Իսկ ոսկի ունենալու այդ հրճվանքը, առանց դրա, կիսով չափ պակասում էր։ Այո, Քենթն զգում էր, որ այդ հասարակ արգելքը ինչ֊որ ձևով նսեմացնում էր ոսկուն տիրելու ոչ միայն նշանակությունը, այլև բուն փաստը։ Եվ հիմա նա տեղից վեր թռավ հենց այն պատճառով, որ հանկարծ այդ խնդիրը վճռելու միտքը հղացավ։

Նա ուշադիր զննեց ճանապարհը և համոզվելով, որ ոչ ոք չի երևում այնտեղ, տուն մտավ։ Մի ակնթարթում սեղանի վրայից ամեն ինչ հավաքեց, նրա վրա տեղավորեց կշեռքը, մի նժարի վրա տասնհինգ ունցիա քաշով կշռաքարեր դրեց և դրանք հավասարակշռեց մյուս նժարի վրա լցված ոսկե ավազով։ Այնուհետև կշռաքարերը փոխարինելով ոսկով, նա արդեն ստացավ ճիշտ կշռված երեսուն ունցիա, հետո այդ երեսուն ունցիան լցրեց մի նժարի վրա և այն հավասարակշռեց ավազի մի նոր քան ակությամբ։ Այսպիսով նրա ամբողջ ոսկին կշեռքի վրա էր։ Քրտինքր հոսում էր վրայից, նա դողում էր հիացմունքից, անսահման հափշտակությունից։ Դա նրան չխանգարեց, որ ամբողջ ոսկին մինչև վերջին հատիկը թափ տա տոպրակից։ Նա տոպրակը կշեռքի վրա թափ տվեց այնքան ժամանակ, մինչև որ հավասարակշռությունը խախտվեց և նժարներից մեկը իջավ սեղանի վրա։ Այն վերստին հավասարակշռելու համար նա մյուս նժարի վրա դրեց մեկ քսաներորդական ունցիայի կշռաքար և ոսկու հինգ ավազահատիկ։ Նա կանգնել էր գլուխր ետ գցած ու կախարդվածի պես նայում էր կշեռքին։ Տոպրակը դատարկվել էր, բայց հիմա նա գիտեր, որ այդ կշեռքով կարելի է ցանկացած քանակությամբ ոսկի կշկռել՝ մանրագույն հատիկից մինչև անհամար ֆունտեր։ Մամոնան[1] իր սուր ճանկերն էր խրել Քենթի սիրտը։

Մայր մտնող արևը ներս ընկավ բաց դռնից և պայծառորեն լուսավորեց դեղին հատիկներով բեռնված կշեռքը։ Բրոնզե Կլեոպատրայի ոսկե ստինքների նման թանկարժեք բլրակները մեղմ լույսով վառվում էին նրա ճառագայթների մեջ։ Ժամանակն ու տարածությունը դադարել էին գոյություն ունենալուց։

― Օհո։ Թող աստված ինձ շանթահարի, եթե այստեղ մի քանի գինեյ ոսկի չլինի։

Ջեկոբ Քենթը կտրուկ ետ դարձավ և միաժամանակ ձեռքը մեկնեց պատրաստ դրված իր երկփողանի հրացանին։ Բայց անկոչ հյուրի դեմքը տեսնելով, նա բոլորովին շփոթված ընկրկեց։ Դա _Սպիավոր Մարդու_ դեմքն էր։

Ներս մտած մարդը հետաքրքրությամբ նայեց նրան։

― Լավ, լավ, մի՛ վախեցեք,— ասաց նա հանգստացնող ձևով ձեռքը թափ տալով։— Ես ոչ ձեզ, ոչ էլ ձեր անիծյալ ոսկուն ձեռք չեմ տա։

― Տարօրինա՜կ մարդ եք։ Ճիշտ եմ ասում, տարօրինա՜կ,— ավելացրեց նա մտախոհ, նկատելով, որ քրտինքի շիթեր են հոսում Քենթի դեմքից, իսկ ծնկները դողում են։— Ի՞նչ եք լռել, ոնց որ բերանում ջուր առած լինեք,— շարունակեց նա, մինչ Քենթը ծանր շունչ քաշեց։— Ինչ է, չլինի թե լեզուդ կուլ եք տվել։ Թե՞ ինչ֊որ մի դժբախտություն է պատահել ձեզ։

― Այդ որտե՞ղ են ձեզ այդպես,— վերջապես դժվարությամբ արտասանեց Քենթը, դողացող մատով ցույց տաքով հյուրի այտը ակոսող ահավոր սպին։

― Սա իմ նավաստի ընկերն է գրոտ֊բոմ֊բրամսելի ցցով հասցրել դեմքիս։ Բայց կուզեի իմանալ, դուք ի՞նչ գործ ունեք իմ սպիի հետ։ Ձեզ խանգարո՞ւմ է։ Գուցե ձեզ նման չմահավանների ճաշակով չէ՞։ Իսկ ձեր կերպարանքը կարգին է. ինչքան կամենաք՝ կարող եք հրճվել։

― Ո՛չ, ո՛չ,— տանջված ժպիտով առարկեց Քենթը, ծանրորեն նստելով աթոռի վրա։— Պարզապես հետաքրքիր է...

― Այսպիսի սպի երբևէ տեսե՞լ եք,— գազազած հարցաքննում էր նա Քենթին։

― Ո՛չ, չեմ տեսել։

― Հը՛, գեղեցիկ է, ճիշտ չէ՞։

― Ճի՛շտ է, ճի՛շտ է,— հավանություն տալով գլխով արեց Քենթը, աշխատելով տարօրինակ այցելուի կարեկցանքը շարժել։ Բայց նա երբեք չէր սպասում, թե սիրալիր լինելու իր փորձը այդպիսի մոլեգնություն կառաջացնի։

― Ա՜խ դու հոտած ձողաձուկ, ա՜խ դու փալասի կտոր։ Ուրեմն, քո կարծիքով, այս ահավոր այլանդակությունը, որպիսին աստված երբևէ դրոշմել է մարդկային դեմքին, գեղեցկությո՞ւն է։ Այդ ինչպե՞ս կարելի է հասկանալ, ա՜խ դու․․․

Այս ասելով՝ ծովի դյուրաբորբոք որդին ֆանտաստիկական հայհոյանքների կարկուտ տեղաց, որոնց մեջ հիշատակվում էին աստվածներ, սատանաներ, հրեշներ, մարդիկ ու նրանց ցեղակիցների բոլոր տեսակները։ Նա այնպիսի կատաղությամբ վրա տվեց այդ խոսքերը, որ Ջեկոբ Քենթը պարզապես քարացել էր։ Նա կծկվեց ու ձեռքերը վեր բարձրացրեց, ասես հարվածներից էր պաշտպանվում։ Նա այնպիսի ծեծված տեսք ուներ, որ Սպիավոր Մարդը հանկարծ կանգ առավ առանց եզրափակիչ հոյակապ խոսքն ավարտելու և խլացուցիչ ձայնով հռհռաց։

― Արևը բոլորովին փչացրել է սահնակի ճամփան,— ասաց նա ծիծաղի վերջին պայթյունների միջից։— Եվ ինձ մնում է հուսալ, որ դու ուրախ կլինես ժամանակդ անցկացնելու այսպիսի մռութով մեկի ընկերակցությամբ։ Ապա մի օջախի կրակը վառիր, իսկ ես գնամ շներին արձակեմ ու կեր տամ։ Հնարավորին չափ շատ փայտ բեր, մի՛ քաշվիր, բարեկամս, անտառում ինչքան ասես փայտ կա, իսկ ո՞վ պետք է անտառում աշխատի, եթե ոչ դու։ Դու բավականաչափ ժամանակ ունես դրա համար։ Հա՛, հետո էլ մի դույլ ջուր բեր։ Եվ արագ շարժվիր, թե չէ ես քեզ, աստված վկա, փոշի կդարձնեմ։

Չլսվա՜ծ բան էր։ Ջեկոբ Քենթը կրակ էր անում, փայտ ջարդում, ջուր բերում և ամեն տեսակ ծառայություններ մատուցում իր կենվորին։

Ջիմ Կարդիջին դեռ Դոուսոնում շատ էր լսել այն ապօրինությունների մասին, որ կատարում էր այդ Շեյլոկը ճանապարհամերձ տնակում։ Ասենք հետո էլ, Դոուսոնից գալու ճանապարհին, նա հանդիպել էր Քենթի շատ զոհերի, և այդ մարդկանցից ամեն մեկը իր գանգատով մի նոր բան էր ավելացրել նրա մեղքերի ցուցակում։ Եվ ահա Ջիմը, որ, ինչպես բոլոր նավաստիները, սիրում էր չար կատակներ անել, Քենթի տնակն ընկնելով, որոշեց ահաբեկել ու «պաշարել» նրա տիրոջը։ Պարզ է, որ դա նրան ավելի շատ հաջողվեց, քան ինքր սպասում էր, բայց նա չէր կռահում, թե այդ գործում ինչ դեր խաղաց իր սպին։ Սակայն նա տեսնում էր, որ խուճապային սարսափ է ներշնչում Քենթին, և որոշեց առանց խղճի խայթ զգալու օգտագործել այդ, ինչպես ժամանակակից առևտրականներն աշխատում են հնարավորին չափ շատ օգուտ քաղել իրենց ձեռքն ընկած լավ ապրանքից։

― Թող աչքերս դուրս գան, եթե դու ճարպիկ տղա չես,— ասաց նա հիացմունքով, գլուխը կողքի թեքելով ու նայելով հոգացող տանտիրոջը։— Դու իզուր ես ոսկեխույզ դարձել։ Տեր աստվածն ինքն է քեզ հրամայել պանդոկապան լինել։ Ես շատ խոսակցություններ եմ լսել քո մասին, բայց մտքովս չէր անցնում, թե դու այդպիսի կտրիճն ես։

Ջեկոբ Քենթը շատ էր ուզում հրացանը պարպել նրա կրծքին, բայց սպիի կախարդական ազդեցությունը չափազանց ուժեղ էր։ Նա իր առջև, տեսնում էր իսկական, կենդանի Սպիավոր Մարդուն, հենց նրան, որն այնքան հաճախ պատկերանում էր իր երևակայության մեջ՝ իր գանձը կողոպտողի, հափշտակողի դերում։ Եվ ահա նա՝ միս ու արյունով, այն մարդը, որը գալիս էր իր երազում, նա, ով քանի անգամ փորձել էր գողանալ իր ոսկին։ Ուրիշ եզրակացություն լինել չէր կարող։ Այժմ Սպիավոր Մարդը մարմնացած այստեղ էր հայտնվել հենց նրա համար, որպեսզի կողոպտեր իրեն՝ Քենթին, իսկ այդ սպի՜ն։ Քենթը չէր կարող աչքը կտրել նրանից, ինչպես չէր կարողանա կանգնեցնել սեփական սրտի բաբախյունը։ Չնայած գործադրած բոլոր ջանքերին, նրա հայացքը անշեղորեն վերադառնում էր դեպի նավաստու դեմքը, ինչպես մագնիսական սլաքը շրջվում է դեպի բևեռ։

― Ի՛նչ է, իմ սպին քեզ հանգիստ չի՞ տալիս,― հանկարծ որոտաց Ջիմ Կարդիջին։— Նա այդ ժամանակ հատակին էր փռում իր վերմակները և աչքերը բարձրացնելիս պատահականորեն հանդիպեց Քենթի լարված հայացքին։— Իսկ եթե սա քեզ այդքան անհանգստացնում է, լավ կլինի, որ դու առագաստներդ հավաքես, կրակը հանգցնես ու պառկես քնելու։ Մի՛ դոփիր տեղումդ, լսիր, ինչ որ քեզ ասում եմ, փալասի մեկը, թե չէ, աստված վկա, քիթ ու մռութդ ջարդուխուրդ կանեմ։

Քենթն այնքան վախեցած էր, որ ստիպված եղավ ճրագը հանգցնելու համար երեք անգամ փչել։ Նա նույնիսկ առանց մոքասինները հանելու արագ մտավ վերմակի տակ։

Նավաստին պառկեց հատակին փռված իր կոշտ անկողնի վրա ու շուտով ախորժալուր խռմփացրեց, իսկ Քենթը դեռ պառկած էր, աչքերը խավարին հառած և մի ձեռքում մանրագնդակի հրացանը սեղմած։ Նա որոշել էր ամբողջ գիշեր աչք չփակել, որովհետև նրան չէր հաջողվել թաքցնել իր հինգ ֆունտ ոսկին, որն այնպես էլ մնացել էր իր գլխի տակ դրված փամփշտարկղի մեջ։

Չնայած բոլոր ջանքերին, նա, այնուամենայնիվ, քնեց, բայց երազում էլ ոսկին ծանր բեռան պես չոքել էր հոգու վրա։ Եթե նա այդպիսի անհանգիստ վիճակում չքներ, ապա երազում լուսնոտության դևը չէր տիրանա նրան, և Ջիմ Կարդիջին հաջորդ առավոտյան ստիպված չէր լինի զբաղվել լվացման թասով։

Ապարդյուն պայքարից հետո օջախի կրակը վերջապես հանգավ, իսկ սառնամանիքը գերանների ճեղքերում խցկված մամուռի միջով թափանցեց տնակի ներսը։ Շները պատուհանի տակ դադարեցին հաչելուց և կծկվելով, քնեցին ձյան վրա։ Նրանք երազում տեսնում էին դրախտը, որտեղ ուզածի չափ չորացած ձուկ կար, և որտեղ չկային ո՛չ սահնակավարներ, ո՛չ էլ մտրակներ։ Տնակում հյուրը անշարժ պառկել էր կոճղի նման, իսկ տանտերն անհանգիստ շուռումուռ էր գալիս՝ տարօրինակ երազներով բռնված։ Կեսգիշերին նա հանկարծ մի կողմ գցեց վերմակը ու վեր կացավ։ Հետաքրքիր է այն, որ նա ամեն ինչ արեց առանց լուցկի վառելու։ Գուցե նրանից, որ մութ էր կամ էլ գուցե նրանից, որ վախենում էր նավաստու երեսի սարսափելի սպին տեսնելուց, նա աչքերը չէր բացում և այդպես, շոշափելով, բարձրացրեց փամփշտարկղի կափարիչը, բավականաչափ առատորեն լիցքավորեց իր մանրագնդակի հրացանի փողը, առանց մի հատիկ ցած գցելու, վերևից փակեց այն կրկնախցանով, այնուհետև ամեն ինչ տեղը դրեց ու նորից պառկեց։

Երբ լուսաբացի գորշ֊երկնագույն մատները կպան յուղաթղթով ծածկված լուսամուտին, Ջեկոբ Քենթը արթնացավ։ Արմունկին հենվելով՝ փամփշտարկղը բացեց ու նայեց մեջը։ Այն, ինչ որ նա տեսավ այնտեղ կամ ավելի ճիշտ, այն ինչ որ նա չտեսավ այնտեղ, շատ անսպասելի ազդեցություն գործեց նրա վրա, եթե նկատի առնենք նրա նյարդային վիճակը։ Նա նայեց քնած նավաստուն, արկղը կամացուկ փակեց ու շրջվեց մեջքի վրա։ Նրա դեմքը արտասովոր կերպով հանգիստ էր։ Այդ դեմքի ոչ մի մկանը չէր ցնցվում, ոչ հուզմունքի, ոչ խուճապի հետք անգամ չէր երևում։ Քենթը այդպես պառկած երկար մտածեց, իսկ երբ վեր կացավ, սկսեց գործել հանգիստ, սառնասրտորեն, առանց շտապելու և առանց աղմուկ բարձրացնելու։

Քնած Ջիմ Կարդիջիի հենց գլխավերևում առաստաղից կախված էր գերանի մեջ խրված մի ամուր փայտե ցից։ Ջեկոբ Քենթը զգուշորեն կես դյույմանոց հաստությամբ պարանը գցեց նրա վրա ու ներքև քաշեց երկու ծայրերը։ Նա մի ծայրը կապեց իր մեջքին, մյուսը՝ օղակ սարքեց։ Հետո հրացանի ձգանը բարձրացրեց ու դրեց այնպես, որ այն իր ձեռքի տակ լինի, իշայծյամի կաշվի մի կույտ փոկերի կողքին։ Ջանք գործադրելով, նա իրեն ստիպեց աչք գցել սպիի վրա, օղակը հագցրեց քնած նավաստու վիզը և, ամբողջ մարմնով ետ ընկնելով՝ ամուր ձգեց այն։ Եվ նույն պահին հրացանը վերցնելով, նշան բռնեց Ջիմի վրա։

Ջիմ Կարդիջին, խեղդվելով, արթնացավ և շշմած՝ աչքերը հառեց հենց իր քթի տակ ցցված պողպատե երկու փողերին։

― Որտե՞ղ է,— հարցրեց Քենթը, պարանը մի փոքր թուլացնելով։

― Ախ դու երիցս անիծյալ...

Քենթը նորից ետ ընկավ, և ձգված պարանը սեղմեց Ջիմի կոկորդը։

― Դո՛ւ, գրողի․․․ փա․․․ խըռ․․․

― Որտե՞ղ է,— կրկնեց Քենթը։

― Ի՞նչը,— կարողացավ հարցնել Կարդիջին, հենց որ հաջողվեց շունչ քաշել։

― Ոսկին։

― Ի՞նչ ոսկի,— բոլորովին տարակուսած՝ հարցրեց նավաստին։

― Շատ լավ գիտես, թե ինչ ոսկի, իմ ոսկին։

― Ախր ես չեմ էլ տեսել։ Ես քեզ համար գանձա՞րկղ եմ, ի՜նչ է։ Ի՜նչ գործ ունեմ դրա հետ։ Ի՞նչ իմանամ, որտեղ է քո այդ ոսկին։

― Իմանում ես, թե չես իմանում, ես քեզ չեմ թողնի շունչ քաշես, մինչև չասես։ Ապա մի փորձիր մատդ անգամ շարժել, մի ակնթարթում գանգդ կցրեմ։

― Երկնային ոգիներ,— խռխռաց Կարդիջին, երբ պարանը նորից ձգվեց։

Քենթը մի պահ պարանը թուլացրեց, և նավաստին, ասես ակամայից գլուխը պտտելով, կարողացավ մի փոքր լայնացնել օղակը և շարժել այնպես, որ պարանը հենց ծնոտի տակ ընկնի։

― Դե,— հարցրեց Քենթը՝ սպասելով խոստովանության։

Բայց Կարդիջին միայն ժպտաց։

― Դե, շո՛ւտ արա, շո՛ւտ կախիր ինձ, անիծյալ պանդոկապան։

Այդ ժամանակ, ինչպես որ կանխատեսում էր Ջիմը, դրաման վերածվեց կատակերգության։ Կարդիջին Քենթից ավելի ծանր էր, և Քենթը որքան էլ ետ էր ընկնում ու կռանում, չէր կարողանում նավաստուն օդ բարձրացնել։

Չնայած նրա հուսահատ ջանքերին, նավաստու ոտքերը գետնից չէին կտրվում, իսկ ծնոտի տակով անցնող օղակը լրացուցիչ հենարան էր նրա համար։

Տեսնելով, որ չի հաջողվում Ջիմին կախել, Քենթը շարունակում էր պարանը ձգել, հաստատ մտադիր լինելով կամ դանդաղ խեղդել նրան, կամ ստիպել ասելու, թե ինչ է արել ոսկին։ Սակայն Սպիավոր Մարդը համառորեն չէր ցանկանում խեղդված լինել։ Անցավ հինգ, տասը, տասնհինգ րոպե, և վերջապես Քենթը հուսահատ կերպով ցած թողեց իր գերյալին։

― Դե ինչ կա որ,— ասաց նա քրտինքը սրբելով,— եթե չես ուզում կախվել, ապա ես քեզ կգնդակահարեմ։ Երևում է՝ որոշ մարդկանց վիճակված չէ կախվել։

Կարդիջիին հարկավոր էր ժամանակ շահել։

― Դու այդ քաշքշուկով միայն սենյակի հատակը կփչացնես,— սկսեց նա։— Լսիր, Քենթ, ահա թե ինչ կասեմ քեզ։ Ապա մի եկ միասին մտմտանք ու կշռադատենք գործը։ Քո ոսկե ավազը կորել է։ Դու ասում ես, թե ես գիտեմ, որտեղ է կորել, իսկ ես քեզ ասում եմ, որ չգիտեմ։ Եկ պարզենք և գործողությունների պլան կազմենք․․․

― Երկնային ոդինե՜ր,— ընդհատեց Քենթը, թունալից ծաղրելով նավաստուն։— Ո՛չ, այս տանը ես մենակ եմ գործելու, իսկ դու կարող ես նայել ու «պարզել»։ Բայց հենց որ փորձես տեղիցդ շարժվել, աստված վկա, կծակծկեմ քեզ։

― Հանուն իմ մոր․․․

― Աստված համբերություն տա նրան, եթե նա քեզ սիրում է․․․ Ահա թե ինչպիսին ես,— Քենթը ինչ֊որ մի շարժում նկատելով, սառը փողը դեմ արեց նավաստու ճակատին։— Պառկի՛ր անշարժ։ Հենց որ շարժվեցիր՝ վերջ ամեն ինչին․․․

Հեշտ խնդիր չէր, եթե նկատի առնենք, որ Քենթը ստիպված էր անընդհատ մատը ձգանի վրա պահել, բայց իզուր չէր, որ Քենթը մի Ժամանակ ջուլհակ էր եղել։ Մի քանի րոպե անց նա արդեն կապռտել էր նավաստու ձեռքերն ու ոտքերը։ Դրանից հետո նա նավաստուն դուրս բերեց տնակից ու դրեց պատի տակ, այնտեղ, որտեղից Ջիմը կարող էր գետը տեսնել ու նայել, թե ինչպես է արևը դեպի զենիթ բարձրանում։

― Քեզ ժամանակ եմ տալիս մինչև կեսօր, իսկ հետո...

― Ի՞նչ...

― Իսկ հետո ուղիղ կգնաս դժոխք։ Բայց եթե ասես, թե որտեղ է ոսկին, ապա ես քեզ այստեղ կպահեմ այնքան ժամանակ, մինչև ոստիկանական ջոկատ անցնի մոտերքով։

― Ողորմած աստված, ա՜յ թե վիճակ է։ Սա ի՞նչ բան է վերջ ի վերջո։ Ես անմեղ եմ գառնուկի պես, իսկ դու բոլորովին խելքդ թռցրել ես, ոչինչ չես հասկանում և ուզում ես բոլորովին անտեղի սպանել ինձ։ Ա՜խ դու պառավ ծովահեն։ Ա՜խ դու...

Ջիմ Կարդիջին, այս անգամ ինքն իրեն գերազանցելով, հայհոյանքների տարափով սիրտը թեթևացրեց։ Ջեկոբ Քենթը տնակից մի աթոռ դուրս բերեց, որպեսզի ավելի հարմար տեղավորվի։ Բոլոր հնարավոր բառակապակցությունների պաշարը սպառելով, նավաստին լռեց ու սկսեց լարված մտածել, իսկ աչքերը անընդհատ հետևում էին արևին, որը անտեղի արագությամբ բարձրանում էր արևելքից։ Ջիմի շները զարմանալով, որ այսքան երկար ժամանակ իրենց չեն լծում, հավաքվեցին տիրոջ շուրջը։ Տիրոջ անօգնական վիճակը անհանգստացրեց նրանց։ Կենդանիներն զգում էին, որ ինչ֊որ վատ բան է կատարվում նրա հետ, բայց չէին հասկանում, թե ինչ, և նրա շուրջն էին պտտվում, աղեկտուր ոռնոցով արտահայտելով իրենց կարեկցանքը։

― Դե կորե՛ք,— ճչաց նավաստին շների վրա, որդի պես գալարվելով և իզուր փորձելով վռնդել նրանց։ Ու հանկարծ նա զգաց, որ պառկած է ինչ֊որ փոսի եզրին։ Հենց որ շները ցրվեցին, նա սկսեց մտածել․ այս ի՞նչ փոս է, որ ինքը չի տեսնում։ Եվ շուտով ճիշտ եզրակացության հանգեց։ Մարդը ծույլ է ի ծնե,— դատում էր Ջիմն ինքն իրեն։— Նա անում է միայն այն, ինչը բացարձակապես անհրաժեշտ է։ Տնակը կառուցելուց հետո, նա պետք է հողով ծածկի կտուրը։ Եվ, իհարկե, հողը վերցնում է ինչ֊որ մոտիկ տեղից։ Ըստ երևույթին, ինքը՝ Ջիմը պառկած է այնպիսի մի փոսի եզրին, որտեղից հող են վերցրել Քենթի տնակը կառուցելիս։ Այս հանգամանքը, եթե հմտորեն օգտագործվի, կարող է իր կյանքը երկարացնել։ Եվ Ջիմը ամբողջ ուշադրությունը կենտրոնացրեց փոկերի վրա, որոնցով ինքը կապկպված էր։

Նրա ձեռքերը կապված էին մեջքին և դրանց տակ ձյունն սկսել էր հալվել։ Իսկ Ջիմը գիտեր, որ իշայծյամի հում կաշին հեշտությամբ թուլանում է։ Եվ, աշխատելով այդ բանն անել աննկատելիորեն, նա ավելի ու ավելի էր թուլացնում ձեռքերի կապերը։

Նա միևնույն ժամանակ ագահությամբ հետևում էր կածանին, և երբ հեռվում՝ Վաթսուներորդ Մղոնի կողմից, մի սև կետ երևաց սառցակույտի սպիտակ ֆոնի վրա, նա տագնապալի հայացք նետեց արևին։ Վերջինս գրեթե արդեն հասել էր զենիթին։

Սև կետը մերթ հայտնվում էր կածանում՝ բարձրանալով սառցակույտերի վրա, մերթ կորչում էր նրանց արանքում։ Բայց նավաստին չէր համարձակվում բացահայտ նայել այն կողմր, վախենալով կասկած առաջացնել Քենթի մեջ։ Մի անգամ, երբ Քենթը հանկարծ վեր կացավ և սկսեց ուշադիր նայել գետին, Կարդիջիի սիրտր սարսափից քարացավ։ Բայց շնասահնակն այդ պահին սլանում էր սառցակույտերի հետևում ծածկված կածանով ու չէր երևում, այնպես որ վտանգն անցել էր։

― Ես այնպես կանեմ, որ այդպիսի կատակների համար քեզ կախեն,— սպառնում էր Կարդիջին՝ աշխատելով շեղել Քենթի ուշադրությունը։— Եվ դու կվառվես դժոխքում, խոսքս լավ հիշիր։

― Լսի՛ր,— մի փոքր սպասելով, նորից գոռաց նա։— Դու տեսիլքներին հավատո՞ւմ ես։

Քենթը ցնցվեց, և Ջիմը զգալով, որ ինքը ճիշտ ճանապարհի վրա է, շարունակեց.

― Չէ՞ որ տեսիլքը հայտնվում է այն մարդուն, որը խոսքը դրժել է։ Այնպես որ մտքովդ չանցկացնես ինձ այն աշխարհն ուղարկել ութ կեսժամյակից առաջ, այսինքն, ուզում էի ասել՝ ժամը տասներկուսից առաջ, որովհետև եթե դու այդ անես, ապա ես մեռնելուցս հետո միշտ կհայտն վեմ քեզ։ Լսո՞ւմ ես։ Եթե դու ինձ ժամանակից մեկ րոպե կամ նույնիսկ մեկ վայրկյան շուտ կախես, ես անպայման կհայտնվեմ քեզ, աստծով եմ երդվում, կհայտնվեմ քեզ։

Ջեկոբ Քենթը, ըստ երեույթին, տատանվում էր, բայց Ջիմի հետ խոսակցության չէր բռնվում։

― Ինչպիսի՞ն է քո ժամաչափը։ Դու ի՞նչ գիտես, թե այն ճիշտ է ցույց տալիս ժամանակը։ Դուք ի՞նչ լայնության վրա եք գտնվում,— անընդհատ դիմում էր նրան նավաստին, հուսալով ավելորդ մի քանի րոպեներ պոկել իր դահճից։

― Ինչպե՞ս է աշխատում քո ժամացույցը, ըստ Զորանոցների, թե՞ ըստ Ընկերության ժամացույցի։ Հիշիր, եթե դու այդ բանն անես տասներկուսը խփելուց առաջ, ես չեմ հանգստանա այն աշխարհում։ Ազնվորեն քեզ նախազգուշացնում եմ՝ ես կվերադառնամ։ Իսկ եթե քո ժամացույցը ճիշտ չէ, ապա դու ինչպե՞ս կարող ես իմանալ, թե երբ կլինի ճիշտ տասներկուսը։ Ինչպե՞ս կիմանաս, ահա թե ինչն է ինձ հետաքրքրում։

― Մի՛ անհանգստանա, քեզ ճիշտ ժամանակին կուղարկեմ այն աշխարհը,— պատասխանեց Քենթը։— Ես արևի ժամացույց ունեմ։

― Բանի պետք չէ։ Սլաքը կարող է երեսուներկու աստիճանի շեղում ունենալ։

― Ամեն ինչ ճշտությամբ ստուգված է։

― Իսկ դու ինչպե՞ս ես ստուգել։ Կողմնացույցո՞վ։

― Ոչ։ Բևեռային աստղով։

― Իսկապե՞ս։

― Իսկապես։

Կարգիջին տնքաց և մի թաքուն հայացք գցեց գետի վրա։ Սահնակն արդեն հաղթահարում էր տնակից ընդամենը մեկ մղոն հեռու գտնվող վերելքը, և շները վազում էին թեթևորեն, մեծ ոստյուններով։

― Ստվերը դեռ հեռո՞ւ է գծից։

Քենթը մոտեցավ արևի պարզունակ ժամացույցին։

― Երեք դյույմ,— ուշադիր նայելուց հետո հայտարարեց նա։

― Ահա թե ի՛նչ, նախքան կրակելդ, գոռա՝ «Ութ կեսժամյակ»։ Լա՞վ։

Քենթը համաձայնվեց և որոշ ժամանակ երկուսն էլ լուռ էին։ Նավաստու ձեռքերի կապերն աստիճանաբար թուլանում էին, և նա սկսեց դրանք թաթերից քաշել դեպի մատները։

― Դեռ շա՞տ կա գծին հասնելուն։

― Մնացել է մեկ դյույմ։

Նավաստին զգուշությամբ շարժվեց, աշխատելով համոզվել, որ ինքը կարող է անհրաժեշտ պահին ցած գլորվել, ձեռքերից հանեց կապերի առաջին փաթթոցը։

― Ինչքա՞ն է մնացել։

― Կես դյույմ։

Այդ պահին Քենթը սահնակի ճռնչոց լսեց ու ետ նայեց։ Սահնակավարը երեսնիվայր պառկել էր սահնակի վրա, շները թափով սլանում էին դեպի տնակը։ Քենթն արագորեն ետ դարձավ ու հրացանը բարձրացրեց դեպի ուսը։

― Դեռ ութ կեսժամյակ չկա,— բողոքեց Կարդիջին։— Քանի որ այդպես է, ապա ես անպայման կհայտնվեմ քեզ։

Ջեկոբ Քենթը մի պահ տատանվեց։ Նա կանգնած էր արևի ժամացույցի մոտ, իր զոհից տասը քայլ հեռավորության վրա։ Սահնակի մարդը, ըստ երևույթին, նկատել էր, որ տնակի մոտ ինչ֊որ արտասովոր բան է կատարվում։ Նա բարձրացավ ծնկներին, և նրա մտրակը կատաղորեն շաչեց շների գլխավերևում։

Ստվերն անցավ գծի վրա, Քենթը նշան բռնեց։

― Պատրաստվիր,— հանդիսավոր կերպով հրամայեց նա։— Ութ կեսժա...

Բայց նախքան նա խոսքը կավարտեր, մի տասնորդական վայրկյան առաջ Կարդիջին գլորվեց փոսի մեջ։ Քենթը չկրակեց և նետվեց դեպի փոսը։ Բո՛ւմ,— հրացանը ուղիղ նավաստու դեմքին պայթեց հենց այն պահին, երբ նա գետնից բարձրանում էր։ Բայց փողից ծուխ չբարձրացավ. սակայն կողքից, խզակոթից պայծառ բոց բռնկեց, և Ջեկոբ Քենթը ընկավ գետին...

Շները թափով բարձրացան, ու սահնակն անցավ նրա մարմնի վրայով, իսկ սահնակավարը ցած թռավ այն պահին, երբ Ջիմ Կարդիջին, ձեռքերը կապերից ազատելով, ելնում էր փոսից։

― Ջի՜մ,— ճանաչելով նրան բացականչեց եկվորը։— Ի՞նչ է պատահել։

― Ինչ է պատահե՞լ։ Ոչի՛նչ։ Պարզապես երբեմն այսպիսի փոքրիկ վարժություններ եմ անում առողջությունս կոփելու համար։ Ինչ է պատահե՞լ։ Ա՜խ դու անիծյալ դմբո։ Անմիջապես կապերս արձակիր, թե չէ քեզ ցույց կտամ, թե ինչ է պատահել։ Դե շուտ, թե չէ գանգիդ մաշկով տախտակամածը կմաքրեմ։

― Ո՜ւֆ,— խոր շունչ առավ նա, երբ եկվորը սկսեց գորձել իր գրպանի դանակով։— Ես ինքս էլ կուզեի իմանալ, թե բանն ինչումն է։ Գուցե դո՞ւ ինձ կբացատրես, հը՞։

Երբ նրանք երկուսով Քենթին շրջեցին մեջքի վրա, նա արդեն մեռած էր։ Նրա հնատիպ շամփուրավոր հրացանն ընկած էր կողքին։ Փողն անջատվել էր խզակոթից, մի քանի դյույմ երկարությամբ պատռված եզրերով ճեղք էր բացվել աջ ձգանի մոտ։ Հետաքրքրասեր նավաստին հրացանը բարձրացրեց, ճեղքից դուրս ցայտեց ոսկե ավազի փայլատակող շիթը։ Միայն այդ ժամանակ Ջիմ Կարգիջին աղոտ կերպով հասկացավ, թե ինչումն է բանը։

― Թող աստված ինձ տեղնուտեղը շանթահարի,— գոռաց նա։— Համա՜ թե բան է։ Ահա թե որտեղ է նրա անիծյալ ոսկին։ Ապա, Չարլի, այստեղ բեր թասը, գրողը տանի, շո՛ւտ արա։


  1. Շահույթի հին սիրիական աստված։