Վերջին թարմացում 19 Օգոստոսի 2013, 01:34

Վեճը՝ թեյի սեղանի շուրջը

Վեճ՝ թեյի սեղանի շուրջը

հեղինակ՝ Իլֆ եւ Պետրով
թարգմանիչ՝ Արտաշես Քալանթարյան
աղբյուր՝ «Վերջին հանդիպում»

Ընտանիքում երեքն էին՝ հայրը, մայրը եւ որդին։

Հայրը հին բոլշեվիկ էր, մայրը՝ հին տնային տնտեսուհի, իսկ որդին հին պիոներ էր՝ խուզած գլխով եւ տասներկուսամյա կենսափորձով։

Թվում էր, թե ամեն ինչ լավ է։

Սակայն, որքան էլ տարօրինակ թվա, առավոտները թեյի ժամանակ ընտանեկան վեճեր էին լինում։

Խոսակցությունը սովորաբար սկսում էր հայրը։

— Հը՞, ի՞նչ նորություն կա ձեր դասարանում,— հարցնում էր նա։

— Ոչ թե դասարանում, այլ խմբում,— պատասխանում էր որդին,— ինչքան եմ քեզ ասել, հայրի՛կ, որ դասարանը ռեակցիոն֊ֆեոդալական հասկացողություն է։

— Լավ, լավ, թող լինի խումբ։ Ի՞նչ եք սովորել ձեր խմբում։

— Չենք սովորել, այլ մշակել ենք։ Ժամանակն է, որ իմանաք։

— Դե, լա՛վ, ի՞նչ եք մշակել։

— Մշակել ենք «Լասալականության ազդեցությունը ռեֆորմիզմի սկզբնավորման վրա» հարցերը։

— Ահա թե ի՛նչ։ Լասալականությո՞ւն։ Իսկ խնդիրներ վճռե՞լ եք։

— Վճռել ենք։

— Այ, ապրեք, ի՞նչ խնդիրներ եք վճռել։ Երեւի դժվա՞ր։

— Չէ, ո՛չ այնքան։ Մատերիալիստական փիլիսոփայության խնդիրները Կոմակադեմիայի երկրորդ սեսիայի եւ ագրարնիկ֊մարքսիստների պլենումի համատեղ առաջադրած խնդիրների լույսի տակ։

Հայրը թեյի բաժակը մի կողմի հրեց, բաճկոնի փեշով սրփեց ակնոցը եւ ուշադիր նայեց որդուն։ Չէ՜, ատրաքնապես կարծես թե ոչինչ։ Տղա է, է՛լի։

— Իսկ ռուսաց լեզվից հիմա ի՞նչ եք սո․․․ այսինքն՝ մշակում։

— Վերջին անգամ կոլեկտիվ ընթերցեցինք «Բռնենք սիրուն սազը, գոցենք ձիու մազը» պոեմը։

— Ձիո՞ւ մասին,— հուսադրված հարցրեց հայրը, ֊ «Ինչո՞ւ այդպես գլխիկոր խրխնջում ես իմ խենթ ձի, էլ չես կրծում սանձը քո․․․»

— Ձիու մազի՛ մասին,— չոր պատասպանեց տղան։— Միթե չե՞ս լսել․

«Հեյ, տղերք, դաշտ դուրս եկեք
Ու հասուն ձիեր բռնեք։
Թռի՛ր իմ երգ,
Հնչիր իմ սազ,
Թանկ է, պոկե՛նք
Շատ ձիու մազ։

— Առաջին անգամն եմ լսում այդպիսի․․․ը՜մմ, տարօրինակ պոեմ,— ասաց հայրը,— ո՞վ է գրել։

— Արկադի Պարովոյը։

— Երեւի փոքրիկ տղա է։ Ձեր խմբի՞ց է։

— Ի՞նչ տղա․․․ ամոթ է քեզ, հայրի՛կ։ Հին էլ բոլշեւիկ ես ու Պարովոյին չես ճանաչում։ Դա նշանակավոր բանաստեղծ է։ Մենք վերջերս նույնիսկ շարադրություն գրեցինք․ «Պարովոյի ստեղծագործության ազդեցությունը արեւմուտքի գրականության վրա»։

— Իսկ քեզ չի՞ թվում,— զգուշությամբ հարցրեց հայրը,— որ այդ ընկեր Պարովոյի ստեղծագործության մեջ ինչ֊որ քիչ է բանաստեղծական զգացողությունը։

— Ինչո՞ւ է քիչ։ Բավականին պարզ արտահայտված են ձիուն ոչ անհրաժեշտ մազի հավաքման եւ այն ներքնակի արդյունաբերության մեջ օգտագործելու հարցերը։

— Ոչ անհրաժե՞շտ։

— Բացարձակապես անպետք։

— Իսկ ձիերի ականջները մտադիր չե՞ք հավաքել,— դողացող ձայնով բղավեց հայրը։

— Կերեք, կերեք,— հաշտեցնող ձայնով ասաց մայրը,— շարունակ վիճում եք։

Հայրը երկար ժամանակ զայրացած էր, թոթվում էր ուսերը ու ինչ֊որ խոսքեր քրթմնջում քթի տակ։ Հետո հավաքեց ուժերը եւ կրկին դիմեց իր հանելուկային որդուն։

— Դե, իսկ ինչպե՞ս եք հանգստանում, զվարճանում։ Ինչո՞վ էիք զվարճանում վերջին ժամանակներս։

— Մենք չէինք զվաճրանում, ժամանակ չունեինք։

— Իսկ ի՞նչ էիք անում։

— Մենք գոտեմարտում, պայքարում էինք։

Հայրը աշխուժացավ։

— Ա՛յ, դա ինձ դուր է գալիս։ Հիշում եմ, ես էլ էի փոքր ժամանակ հրապուրվել։ Բրարւլե, տուրդե֊տետ, գլխից բռնելը՝ պարտերում։ Դա շատ օգտակար է։ Հիանալի բան է ֆրանսիական գոտեմարտը։

— Իսկ ինչո՞ւ ֆրանսիական։

— Համա ինչպիսի՞ն։

— Սովորական գոտեմարդը։ Սկզբունքային։

— Իսկ ո՞ւմ դեմ էիք գոտեմարտում,— հարցրեց հայրը ընկճված ձայնով։

— Լեբեդեւականության։

— Այդ ի՞նչ լեբեդեւականություն է։ Ո՞վ է այդ Լեբեդեւը։

— Մեր տղաներից մեկը։

— Իսկ նա ի՞նչ է, վա՞տ վարք ունի։ Չարաճճի՞ է։

— Սարսափելի վարք ունի, հա՛յր։ Նա կրկնեց դեբորինյան մի շարք սխալներ մախիզմի, մախաեւականության եւ մեխանիկականության գնահատման հարցում։

— Սա ինչ֊որ մղձավանջ է։

— Իհարկե, մղձավանջ է։ Մենք արդեն երկու շաբաթ է, ինչ դրանով ենք զբաղված։ Ամբողջ ուժով պայքարում ենք։ Երեկ կազմակերպեցինք քաղհավաք։

Հայրը բռնեց գլուխը։

— Քանի՞ տարեկան է։

— Ո՞վ, Լե՞բեդեւը՜, ջահել չէ, արդեն ութ տարեկան է։

— Տղան ութ տարեկան է, իսկ դուք պայքարո՞ւմ եք նրա դեմ։

— Իսկ քո կարծիքով ի՞նչ անենք։ Օպորտունի՞զմ ցուցաբերենք։ Սքողե՞նք հարցը։

Հայրը դողացող ձեռքերով ճանկեց պայուսակը եւ ճանապարհին աթոռը շրջելով փողոց դուրս թռավ։ Անխոցելի տղան ներողամտորեն քմծիծաղ տվեց եւ բղավեց նրա ետեւից։

— Եվ դեռ հին բոլշեւի՜կ է։

Մի անգամ դժբախտ հայրը բացեց լրագիրը եւ հաղթական ճիչ արձակեց։ Մայրցը ցնցվեց։ Որդին ամոթահար նայեց իր բաժակին։ Նա արդեն կարդացել էր Կենտկոմի որոշումը դպրոցի մասին։ Նրա ականջները վարդագույն էին դարձել եւ թափանցիկ, ինչպես ճագարներինը։

— Դե,— ասաց հայրը տարօրինակ ժպիտով,— հիմա ի՞նչ կասես, չորրորդ դասարանի աշակերտ Նիկոլայ Սիտնիկով։

Որդին լուռ էր։

— Երեկ ի՞նչ եք կոլեկտիվ մշակել։

Որդին շարունակում էր լռել։

— Վերջացրի՞ք վերջապես լեբեդեւականությունը, անհաշտ պատանի ուղղափառներ։

Լռություն։

Խեղճ տղան արդեն ընդունե՞լ է իր գերդեբորինյան սխալները։ Իմիջայլոց, ո՞ր դասարանում է սովորում նա։

— Զրո խմբում։

— Ոչ թե զրո խմբում, այլ նախապատրաստական դասարանում որոտաց հայրը,— ժամանակն է գիտենալ։

Որդին լուռ էր։

— Երեկ կարդացի, որ ձեր այդ Արկադի, ոնց է՞ր, հա՛, Պարավոզովին չեն ընդունել Գրողների միություն։ Ինչպես էր գրո՞ւմ․․․ «Հե՜յ տղերք, դաշտ դուրս եկեք, ձիու մազը պոչից պոկե՜ք»։

— «Թանկ է, պոկենք շատ ձիու մազ»— աղերսանքով շշնջաց տղան։

— Այո՛, այո՛։ Մի խոսքով, «Հորդի՛ր, ծառս եղիր, դու ձիու ձայն»։ Ես ամեն ինչ հիշում եմ։ Եվ նա՞ է ազդեցություն թողնում համաշխարհային գրականության վրա։

— Չը․․․ չգիտեմ։

— Չգիտե՞ս։ Մի՛ ծամիր, երբ ուսուցչի հետ ես խոսում։ Ո՞վ է գրել «Մեռած հոգիները»։ Այդ է՞լ չգիտես։ Գոգոլն է գրել, Գոգոլը։

— Վերջնականապես քայքայված եւ հետադիմորեն տրամադրված մանր միստիկ է․․․— տղան ուրախացած կրկնեց անգիր արածը։

— Երկուսից հանած,— վրիժառությամբ ասաց հայրը,— հարկավոր է կարդալ Գոգոլին,— հարկավոր է սովորել Գոգոլ, իսկ մշակել կարող ես Կոմակադեմիայում մի տասը տարի հետո։ Դե․․․ պատմիր, խնդրեմ, Սիտնիկով Նիկոլայ, Նյու֊Յորքի մասին։

— Այնտեղ ավելի խիստ, քան որեւէ տեղ,— երգեց Կոլյան,— արտահայտվում են կապիտալիստական հակասու․․․

— Այդ ես ինքս գիտեմ։ Դու ինձ ասա ո՞ր օվկիանոսի ափին է Նյու֊Յորքը։

Որդին լուռ էր։

— Որքա՞ն բնակչություն ունի։

— Չգիտեմ։

— Որտեղո՞վ է հոսում Օրինոկո գետը։

— Չգիտեմ։

— Ո՞վ է Եկատերինա Երկրորդը։

— Արդյունք։

— Ինչպե՞ս թե արդյունք։

— Ես հիմա կհիշեմ, մենք մշակել էինք։ Ահա․՞․ առեւտրական կապիտալի աճող ազդեցության ժամանակաշրջանի արդյունք։

— Դու ինձ ասա ո՞վ էր նա։ Ի՞նչ պաշտոն ուներ։

— Մենք դա չենք մշակել։

— Ախ, այդպե՞ս․․․ իսկ ո՞ր թվերն են բաժանվում երեքի վրա․․․

— Դուք կերեք, կերեք— սրտացավությամբ ասաց մայրը,— շարունակ վիճում եք։

—Չէ՛, թող նա ինձ ասի, թե ի՞նչ բան է թերակղզին,— բորբոքվում էր հայրը,— թող ասի, թե ի՞նչ բան է Կուրո֊Սիվոն, թող ասի, թե ինչի արդյունքն էր Հենրիխ Թռչնորսը։

Հանելուկային տղան պոկվեց տեղից, դողացող ձեռքերով պարսատիկը դրեց գրպանը եւ վազեց փողոց։

— Մնացակա՜ն,— բղավեց նրա ետեւից երջանիկ հայրը,— բոլորը դիրեկտորիդ կասեմ։

Նա վերջապես ռեւանշ վերցրեց։