Վերջին թարմացում 12 Հոկտեմբերի 2016, 13:05

Տիկին Ուիլեամսը եւ կայծակը

Տիկին Ուիլեամսը եւ կայծակը

հեղինակ՝ Մարկ Տուէն
աղբյուր՝ «Զւարճալի պատմւածքներ»

Պարոն Ուիլեամսը՝ շարունակ խօսակցութեան մէջ՝ պատմեց հետեւալը․

Այո, պատւելիս, կայծակից վախենալը — մարդկային ամենացաւալի թուլութիւններից մէկն է։ Այդ թուլութիւնը աւելի պատահում է կանանց շրջանում, երբեմնապէս գտնւում է փոքրիկ շնիկների մէջ եւ շատ սակաւ տղամարդերի դասում։ Այդ թուլութիւնը այն պատճառով է նա մանաւանդ ատելի, որ նա մարդուն այն աստիճան ուժից գցում է, որչափ չէ կարող տկարացնել ոչ մի ուրիշ երկիւղ․ եւ մարդ չէ կարող ոչ սառն դատել նորա մասին, ոչ էլ այդ երկիւղից յետ կենալ, թէկուզ ամօթահարւելուց։ Այն կինը, որ ք ա ջ ո ւ թ ե ա մ բ կը տանէր դեւի կամ մկնի ներկայութիւնը, կորցնում է իւր վստահութիւնը եւ ջուր է կտրում կայծակի խզբզանքից։ Մարդ խղճում է՝ տեսնելով կայծակից սարսափած կնոջը։ Պատմեմ գլխիս եկած դէպքը։

Մի անգամ ամառը, գիւղում, մեր կալւածքում, իմ հանգիստ քնի ժամանակ լսեցի մի խեղդւած խուլ ձայն, որ ինձ զարթեցրեց։

— Այ մա՛րդ, ա՛յ մարդ, վեր կաց, կանչում էր հեկեկալով կինս իմ ականջտակին։

Սկսեցի միտքս ինձ ժողովել, տեղիցս բարձրացայ եւ հարցրի․

— Սիրելիս, այդ դո՞ւ ես։ Ի՞նչ է պատահել։ Ո՞րտեղ ես դու։

— Վերկա՛ց, պահարանը փակիր։ Ամօթ չե՞ս քաշում, քեզ համար հանգիստ պառկել ես մի այնպիսի ժամանակ, երբ սկսւել է սարսափելի փոթորիկ եւ որոտմունք։

— Լաւ, քնած ժամանակ ինչպէ՞ս կ ա ր ո ղ էի ես ամաչել։ Այ կին, խելքդ որտե՞ղ է․ մարդս քնած ժամանակ չէ կարող ամաչել։

Էհ, դու երբէք չես ամաչում․ մի՞թէ, ա մարդ․ դու ինքդ չը գիտե՞ս, որ միշտ այդպէս ես։

Եւ կինս սկսեց կրկին հեկեկալ խուլ ձայնով։ Հեկեկանքի ձայնը սառցրեց իմ լեզուն, որ պատրաստել էր մի սուր պատասխան եւ ես խօսքս շուռ տւի։

— Սիրելիս, հոգեակս, շատ ցաւում եմ, որ այդպէս է եղել․ հաւատացիր, որ կամաւ չեմ արել։

— Այ մա՛րդ։

— Տէր Աստուա՛ծ․ ի՞նչ ես ասում, հոգի ջան։

— Դու դեռ անկողնում պառկա՞ծ ես։

— Ի հարկէ։ Աբա ի՞նչ անեմ։

— Դո՛ւրս, դուրս եկ անկողնուցդ։ Եթէ քո կեանքը քեզ համար թանգ չէ, գոնէ փոքր ինչ էլ է նորան պահպանիր ինձ համար, երեխաներից համար։

— Դէ, սիրելիս…

— Մի խօսիր, լսել չեմ ուզում։ Դու լաւ գիտես, որ այսպիսի որոտմունքների ժամանակ մահճակալից աւելի վտանգաւոր տեղ չը կայ․ բոլոր գրքերում այդպէս են գրում։ Իսկ դու պառկել ես եւ կամաւ անձդ վտանգի ես ենթարկում, ով գիտէ ինչ դիտումով՝ միայն թէ ասածդ անես, հակառակես, հակառակես եւ…

— Ա՛, կի՛ն, խելքի ե՛կ․ ի՞նչ է, պէտք է քեզ համար երդւեմ, որ ես մահճակալումը չե՞մ։

Դեռ խօսքս չէի վերջացրել, որ սաստիկ կայծակ տւեց։ Տիկինս երկիւղից սարսափելի ճիչ արձակեց․ որոտմունքը, գոռոցը ականջս խլացրեց։

— Տեսնում ե՞ս, այ մարդ, մեղքերից հետեւանքը։ Ինչպէ՞ս ես դու կկարողանում այդքան փչանալ, որ այսպիսի ժամանակ երդւում ես։

— Ես չʼերդւեցի եւ կայծակը ամենեւին երդւելուցը չէր։ Միեւնոյնը կը լինէր, եթէ ես ոչ մի ծպտուն էլ հանած չը լինէի, այդ ինքդ էլ լաւ գիտես, հոգեակս․ գոնէ պէտք է գիտենայիր, որ երբ որ օդը, մթնոլորտը, ելեքտրականութիւնով լքցւած է…

— Հա, այդ է՞ր պակաս մնացել։ Ապացուրի՛ր, ապացուցիր, ապացուցիր։ Տօ, ի՞նչ ես դուրս տալիս գլխիցդ, երբ որ լաւ գիտես, որ մենք շանթարգել չʼունենք եւ քո խեղճ կինը ու զաւակները գանւում են նախախնամութեան ձեռքին։ Այդ էլի ի՞նչ ես անում։ Այսպէս ժամանակ լուցկի ե՞ս վառում։ Խելքդ կորցրել ե՞ս, ի՞նչ է։

— Տէր ողորմեա՛, այ յիմար կինարմատ, որտեղ է կրակը, որ աչքիդ երեւում է…

— Հանգցրո՛ւ, հանգցրու այս րոպէին։ Թէ դու մեզ բոլորիս զոհել ե՞ս ուզում։ Դու լաւ գիտես, որ ոչ մի բան այնպէս չէ քաշում կայծակը, ինչպէս կրակը։ (Վզզ֊դռռ֊շախկ֊շրախկ — կայծակի փայլ եւ գոռոց)։ Հը տեսա՞ր, սիրտդ հովացա՞ւ։ Հիմի տեսա՞ր քո արածը։

— Ոչինչ չեմ տեսնում։ Լուցկին շատ֊շատ իրան կը քաշի կայծակը․ բայց հօ նա չէ՞ կայծակ ծնողը, կայծակի պատճառը։ Այն էլ, որ ասում եմ կը քաշի, շատ սակաւ դէպքում․ հարիւր անգամից մէկումն էլ չի պատահիլ։ Եթէ լուցկի վառելովս կայծակ կարողանայի քաշել, դա կը նշանակէր, որ որսորդն էլ միլիօն հարւածներում միշտ նշան խփած կը լինէր առանց սայթաքելու։ Որսորդների ընկերութիւնը, զորօրինակ…

— Ամօթ է, ա՛ մարդ, ամօթ քեզ համար։ Մենք այստեղ կանգնած ենք մահի առաջ, իսկ դու մի այսպիսի խորհրդաւոր րոպէում կարողանում ե՞ս այդ տեսակ լեզւով խօսել։ Եթէ դու ցանկութիւն չʼունես… այ մարդ, լսի՛ր մէկ։

— Հը՞։

— Երեկոյեան պառկելուց առաջ աղօթք արի՞ր։

— Ես, ես… ուզում էի, բայց զբաղւած լինելով տասներկուսը տասներեքի վերայ բազմապատկելով…


(Վզզ, դռռ, շախկ, շրախկ)։

— Է՛հ, կորել ենք, անպատճառ կորել, մենք անօգնական խեղճերս։ Ախր ինչպէ՞ս էիր դու կարող արհամարհել այդպիսի մի բան այս տեսակ երկիւղալի ժամանակ։

— Պառկելուց առաջ «այս տեսակ երկիւղալի ժամանակ» չէր։ Երկնքում ամպի կտոր էլ չկար։ Ո՞վ կը կարծէր, որ իմ մի փոքրիկ զանցառութիւնիցս կարող է այսպէս աղմուկ ու վտանգ ծագել։ Ես կարծում եմ, որ դու առհասարակ այդ տեսակ ձեւականութեանը շատ ես մեծ, չափազանցրած նշանակութիւն տալիս․ դու լաւ գիտես, որ դա սակաւ պատահող մի բան է։ Ես աղօթելը չէի մոռանում այն օրից, որ պատահեց մեզանում մի երկրաշարժ սորանից չորս տարի առաջ։

— Իսկ միւսը, ա՛ մարդ, մոռացա՞ր․ դեղնատենդ հիւանդութիւնը։

— Հոգեակս, դու միշտ օրինակ ես բերում դեղնատենդը․ բայց ես համաձայն չեմ քեզ հետ։ Այստեղից մինչեւ դեղնատենդ երեւեցած տեղը այնքան հեռու է, որ հեռագիրն անգամ չէ կարելի անմիջապէս ուղարկել առանց միջանկեալ կայարանների․ այդ ինչպէ՞ս իմ մի երեկոյ աղօթք չանելը այնտեղ ազդեց այդպէս յանկարծակի։ Դեռ երկրաշարժի մասին կարող եմ այդ տեսակ ենթադրութիւն թոյլ տալ, որովհետեւ նա մեզ մօտ պատահեց․ բայց թէ ես ինձ պատասխանատու համարեմ ամեն իմ անիծւած… (Վզզ, գռռ, շախկ֊շրախկ)։

— Ախ, սիրելիս, ախ, սիրելիս։ Ես հաւատացած եմ, որ կայծակը մի բանի դիպաւ։ Մենք էլ արեգակի լոյս չենք տեսնելու։ Հը՞․ ի՞նչ է․ դու ուրախ կը լինե՞ս մեր անհետանալուց յետոյ՝ քո սոսկալի խօսքերը մտաբերել։

— Յետո՞յ։ Էլի բան ունե՞ս։

— Քո ձայնը, ա՛յ մարդ, կարծես թէ… Տէր Աստուած, միթէ՞ դու բաց վառարանի առաջն ես կանգնած։

— Այո, այդ ոճրագործութիւնով իմ զբաղւած։

— Հեռացի՛ր այս րոպէին։ Դու երեւի մտքումդ դրել ես մեզ բոլորիս կորցնելու։ Միթէ՞ դու չը գիտես, որ վառարանը ամենալաւ կայծակ քաշողներիցն է։ Հիմի էլ դու որտեղ գնացի՞ր։

— Ես այստեղ եմ, լուսամուտի մօտ։

— Օհ, Տէր ողորմեա, ի՞նչ է եղել քեզ․ հօ գժւել չե՞ս։ Այս րոպէին այդ տեղից քաշւի՛ր։ Ծծկեր երեխաներն անգամ գիտեն, որ կայծակի ժամանակ վտանգաւոր է լուսամուտի մօտ կանգնելը։ Ա՛խ, սիրելիս, ես համոզւած եմ, որ գիշերս չեմ լուսացնելու… Ա՛, մա՛րդ, սիրելի՛ս․

— Ի՞նչ է։

— Այն ինչ է խշխշում։

— Ես եմ։

— Դու ի՞նչ ես անում։

— Զգեստիս ծայրն եմ որոնում։ — Դէն գցի՛ր շուտով։ Ինքդ լաւ գիտես, որ բոլոր ուսումնականների կարծիքով բրդէ ճոթը կայծակ քաշող է, ու հանգիստ եւ հանդարտ շոր ե՞ս հագնում։ Օ՛հ, սիրելիս, բաւական չէ, որ բնական պատճառներից վտանգի է ենթարկւել մեր կեանքը, դու աւելի էլ մեծացնում ես վտանգը։ Ի սէր Աստուծոյ մի երգիլ, մի երգիլ։ Ախր միտքդ ի՞նչ է։

— Լա՛ւ, երգից ի՞նչ վտանգ կարող է լինել։

— Ա՛ մա՛րդ, ես քեզ հարիւր անգամ ասել եմ, որ երգից օդը շարժւում է եւ այդպիսով կտրւում է ելեքտրական հոսանքը, որ… Այս ի՞նչ ես արել, ինչո՞ւ ես բացել իմ պահարանի դուռը։

— Օ՛հ, խելագար, դորանից ի՞նչ վնաս կարող է լինել։

— Ի՞նչ վնաս։ Դորանից — կարող է լինել մահ։ Ամեն մի տխմարն էլ, որ փոքր ինչ գիտել է, գիտէ, որ ընդմիջւող քամով կարող է կայծակ բերւել։ Դէ՛, կէսն էլ չես փակել, փակիր դուռը ամուր․ շուտ արա, շտապիր․ թէ չէ մենք կը կորչենք։ Ա՛խ, ի՞նչ տանջանք է, որ ես կրում եմ՝ մի խելքըպակասի հետ միասին փակւած այս սենեակում։ Ա՛ մա՛րդ, այդ ի՞նչ ես անում։

— Ոչինչ։ Ջուր եմ ածում։ Սենեակի օդը տաք է եւ խեղդող։ Ուզում եմ ձեռքերս ու երեսս լւանամ։

— Դու, երեւի, վերջին խելքդ էլ տանուլ ես տւել։ Եթէ ցամաք տեղում կայծակը խփի մի անգամ, ջրին կը խփի յիսուն անգամ։ Թափիր ջուրը։ Ա՛խ, սիրելիս, էլ յոյսս կտրեցի, թէ մենք ապրելու ենք։ Ես կարծում եմ, որ… Ա՛ մարդ, էլի այդ ի՞նչ նոր բան է…

— Թո՛ւ, գրողը… ձեռքս կպաւ պատկերին…

— Ուրեմն, դու պատի մօտին ե՞ս։ Այդպէ՞ս էլ անզգուշութիւն։ Դու միթէ՞ չը գիտես, որ պատով կայծակը շատ հեշտ կʼանցնի… Հեռացի՛ր այդտեղից։ Դեռ քիչ է մնացել, որ յիշոց էլ տաս։ Ինչպէ՞ս ես զօրում այդպէս անբարոյական լինել մի այնպիսի ժամանակ, երբ ընտանիքդ ակներեւ վտանգի մէջ է։ Ա մա՛րդ, քեզ ասել էի, որ փետրադոշակ գցել տայիր անկողնիդ տակը։

— Մոռացայ այդ բանը։

— ՄՈռացա՞ր։ Իսկ կեանքդ որ կորչի՞։ Փետրադոշակ ունենայիր, կարող էիր նորան սենեակի մէջ տեղում գետնին փռել եւ նորա վերան պառկել։ Դէ եկ, մտի՛ր պահարանը, ինձ մօտ, դէ շուտ, քանի որ մի նոր օյին չես հանել մեր գլխին։

Ես փորձեցի մտնել պահարանը․ բայց սա երկու մարդ միասին տեղաւորելու անկարող էր, այն էլ փակւած դռներով եւ խեղդւած օդով։ Փոքր ինչ համբերեցի, բայց շուտով դուրս թռայ միջիցը։

— Սիրելիս, ասաց կինս, մի բան դարձեալ պէտք է անենք քո ապահովութեան համար։ Մէկ տուր ինձ վառարանի վերայ դրւած գերմանական գիրքը եւ մոմը․ չէ՛, չէ՛, չէ, ինքդ մի վառիլ, բեր այստեղ, ես ինքս կը վառեմ։ Այդ գրքումը կայծակի մասին տեղեկութիւններ կան եւ գրւած են խրատներ…

Գիրքը առնելը թանգ նստեց․ ձեռս դիպաւ սկիհին (վազ) եւ միւս դիւրաբեկ իրերին եւ նոքա վայր ընկան։ Կինս առաւ գիրքը եւ ճրագը ու ինքը փակւեց պահարանում։

— Ա՛ մարդ, այն ի՞նչ ձայն է, որ լսում եմ։

— Ոչինչ, կատուն ներս թռաւ։

— Կատո՞ւն։ Վա՛յ մեզ։ Բռնիր նորան եւ լւացարանում թաքցրու։ Շուտ, սիրելիս, շուտ արա․ կատուները ելեքտրականութիւնով լիքն են։ Օ՛հ, այս գիշերւայ տանջանքներից իմ մազերը, հաւատացնում եմ, սպիտակելու են։

Եթէ կնոջս հառաչները չը շարունակւէին, ես գուցէ չընկնէի կատուի ետեւից այնպիսի մութ ժամանակ․ բայց ի՞նչ արած։ Աթոռների եւ ուրիշ իրերի վերայով ցատկելով, թռչկոտելով, վերջապէս բռնեցի կատուին ու կոխեցի կոմոդը, որտեղ յետոյ բանից երեւաց։ որ մի չորս հարիւր դոլլարի արժողութեան զարդաիրեր են կոտրտւած։

Ինձ սթափեցրեց կնոջս ձայնը։

— Ա՛ մարդ, այս գրքի մէջ գրւած է, որ ամենաապահով դրութեան մէջ լինելու համար պէտք է սենեակի մէջ մի աթոռ դնել, որի ոտները կղզիացրած լինեն վատ հաղորդիչներով եւ կանգնել այդ աթոռի վերայ։ Ուրեմն, դու պէտք է աթոռի ոտները դնես ապակեայ բաժակների վերայ։ (Վզզ, տրախկ, շրախկ)։ Օ՛հ, լսում ե՞ս, տեսնում ե՞ս։ Դէ շուտ արա, շուտ, քանի քեզ կայծակը չի սպանել։

Ես մի կերպ գտայ բաժակները եւ յարմարեցրի նրանց աթոռի ոտների տակ, ըստ որում բացի այդ չորսից՝ միւս բոլոր բաժակները ջարդեցի իմ փորձերովը։ Եւ սկսեցի սպասել նոր կարգադրութիւնների։

— Ա՛յ, ա՛յ, այս գերմանական գրքում ասւած է հետեւեալը[1]․ “Waehrend eines Gewitters entferne man Metalle, wie zum B. Ringe, Uhren, Schlüssel, etc. von sich, und halte sich nicht an solchen Stellen auf, wo viele Metalle bei einande liegen, oder mit anderen Koerpern verbunden sind, wie an Herden, Oefen, Eisengittern und dgl”․ Հիմի սա ինչպէ՞ս պէտք է հասկանանք, արդե՞օք մեզ պէտք է մետաղներով շրջապատենք, թէ նորանց մեզանից հեռացնենք։

— Ես էլ լաւ չեմ հասկանում։ Այդ տեղը փոքր ինչ մութ է։ Իւրաքանչիւր գերմանական խորհուրդ փոքր ինչ մութն է լինում։ Ես կարծում եմ, որ այս պարբերութիւնը կազմւած է գլխաւորապէս տրական հոլովից, որին աւելացրած են՝ յամենայն դէպս՝ փոքր ինչ սեռականից եւ հայցականից։ Ուստի ես կարծում եմ, որ այդ նախադասութիւնը ուզում է ասել՝ թէ պէտք է շրջապատենք մեզ մետաղներով։

— Հէնց այդպէս է լինելու։ Այդպէս շատ խելացի է դուրս գալիս։ Դու լաւ գիտես, որ շանթարգելներ շինելու համար մետաղ էլ է գործ ածւում։ Դիր գլխիդ քո այն գդակը, որ հրդեհի ժամանակ դնում ես, նա կարգին մետաղոտ է։

Ի՞նչ պէտք է անէի։ Պտռեցի հրդեհագդակը եւ դրի գլխիս։ Գդակը ծանր էր եւ անտանելի՝ այնպիսի տաք եւ խեղդող օդում, որ սենեակումն էր։ Առանց այլ էլ գիշերւայ զգեստն աւելի տաք էր, քան հարկաւոր էր։

— Ա՛ մարդ, այժմ յոյս ունեմ, որ գլուխդ բոլորովին ապահով դրութեան մէջ է։ Բայց ասում եմ, թուրդ էլ հէնց կապես։

Այդ էլ կատարեցի։

Այժմ, սիրելի ամուսին, շարունակում էր կինս, պէտք է մի բան գտնես ոտներդ պաշտպանելու։ Ի՞նչ կայ, սիրելիս, ժանիքները (շպորները) կպցրու կոշկիցդ։

— Լռութեամբ եւ անվրդով համբերութեամբ այդ էլ արի։

— Մէկ ականջ դի՛ր թէ գրքում էլի ինչ է գրած[2]․ “Das Gewitter ist sehr gefaehrlich, weil die Glocke selbst, sowie der durch das Laeuten veranlasste Luftzug und die Hoehe des Thurmer den Blitz anziehen koennten”։ Միթէ՞ այնպէս չը պէտք է հասկանանք, թէ որոտմունքի ժամանակ զանգակ չը խփելը վտանգաւոր է։

— Այո՛, այդպէս է երեւում, եթէ միայն դա եզակի ուղղականի ընդունելութեան անցեալ ժամանակն է, իմ հաշւով հէնց այդպէս է դուրս գալիս։ Ինձ թւում է, որ այդ նախադասութեան միտքը սա է․ զանգակատան բարձրութեան եւ Luffzugʼի (օդի հոսանքի) բացակայութեան պատճառով շատ վտանգաւոր է (sehr gefaehrlich) զանգակ չը թակելը որոտմունքի ժամանակ եւ, բացի այդ, դարձրու քո ուշադրութիւնը…

— Դէ լաւ, բաւական է․ ա՛յ մա՛րդ, ժամանակ մի կորցնիլ դատարկախօսութիւնով։ Թակիր մեր մեծ զանգակը․ ահա պատշգամբումն է, աջ կողմումը․ դէ շուտ, սիրելսի, վտանգը անցնելու վերայ է։ Սիրելիս, այժմ հաւատում եմ, որ մենք վերջապէս կարող ենք փրկւել։

Մեր ամառւայ փոքրիկ տունը շինւած է մի շարք բլուրներից աենաբարձրի վերայ՝ հսվտի գլխին։ Մեզ հարեւան՝ գտնւում են մի քանի տնակներ, որոնցից ամենամօտը երեք չորս հարիւր կանգուն (եարդ) մեզանից հեռու է։

Երբ ես, աթոռի վերայ բարձրանալով, սկսեցի զանգահարել եօթն ութ րոպէ շարունակ մեծ զանգակը, մէկ էլ տեսնենք, մեր լուսամուտի փեղկերը դրսից յանկարծ բացւեցին, մի լապտեր մօտիկացաւ լուսամուտին եւ մի ձայն կոպիտ կերպով հարցրեց։

— Ի՞նչ է պատահել այստեղ։

Լուսամուտի մօտ ժողովւած էին տղամարդիկ, իսկ նոցա աչքերը զարմացմամբ չռած էին իմ զգեստի վերայ։

— Ես բաց թողեցի զանգակի չւանը, վրդովւած վայր իջայ աթոռից ու ասացի։

— Բարեկամնե՛ր, ոչինչ չը կայ, մենք փոքր ինչ անհանգստացանք որոտմունքի պատճառով։ Ես աշխատում էի կայծակը կանգնեցնել…

— Որոտմո՞ւնք։ Կայծա՞կ։ Ի՞նչ էք ասում պարոն Ուիլեամս, հօ՛ խելագարւել չէ՞ք։ Դուրսը հրաշալի աստղազարդ գիշեր է եւ ոչ մի որոտմունք չէ եղել։

Ես նայեցի լուսամուտից եւ այնպէս զարմացած էի, որ մի րոպէ լեզուս սառեց բերանումս։ Վերջապէս՝ խելքս հաւաքելով ասացի,

— Բան չեմ հասկանում ախր։ Մենք լուսամուտի փեղկերի միջով տեսնում էինք կայծակը եւ լսում էինք գոռոցը։

Լուսամուտի մօտ կանգնած մարդիկը յանկարծ մի ծիծաղ սկսեցին, մի ծիծաղ, որից նոքա կոտորւում էին, գետին էին թափւում․ իսկ երկուսը կողքի ծակոցից մինչեւ անգամ մեռան։ Կենդանի մնացածներից մէկը նկատեց։

— Ափսոս, որ ձեր խելքին մէկ չեկաւ, որ փեղկերը բանայիք եւ նայէիք այն բարձր բլրի գլուխը։ Այ ինչ որ դուք լսել էք — նա թնդանօթների ձայն է եղել․ իսկ ինչ որ տեսել էք — նորա կրակը։ Բանն այն է, որ գիշերւայ կէսին հեռագիր եկաւ, որ Հարֆիլդը նախագահ է ընտրւած եւ ահա ինչո՞ւ թնդանօթներ են դատարկւում։

_______________

Պատմողը, այսինքն պարոն Ուիլեամսը, վերջացրեց իւր խօսքը այսպէս․

— Այո՛, պարոն Տուէն, ինչպէս ասացի, կայծակից պաշտպանւելու կանոնները այնքան կատարեալ են եւ բազմաթիւ, որ ես չեմ կարողանում հասկանալ, թէ ինչպէս են դեռ գտնւում այնպիսի խելառներ, որ իրանց սպանել են տալիս կայծակից։

Այս խօսքերից յետոյ ճանապարհորակիցս վեր առաւ իւր ուղետոպրը ու հովանեակը եւ դուրս եկաւ երկաթուղու կառքից, որովհետեւ հասանք նորա քաղաքի կայարանին։
  1. Թարգմանութիւնը սա է․ որոտմունքի ժամանակ պէտք է քեզանից հեռացնես մետաղները, մատանիները, ժամացոյցը, բանալիքները եւ այլն, եւ ինքդ չը մնաս այնպիսի տեղերում, ուրտեղ շատ մետաղներ են կուտակւած, կամ ուրիշ մարմինների հետ միացրած են, ինչպէս են հնոցները, վառարանները, երկաթեայի ցանկապատները եւ այլն։
  2. Որոտմունքը շատ վտանգաւոր է, որովհետեւ թէ զանգակը ինքը եւ թէ զանգահարութիւնից առաջացած օդի հոսանքը եւ զանգակատան բարձրութիւնը կարող են կայծակը քաշել։