Վերջին թարմացում 14 Հուլիսի 2017, 21:00

Տխուր մարդիկ

Տխուր մարդիկ

հեղինակ՝ Ստեփան Զորյան

Բարեկամներ

Ձյուն է գալիս...

Սպիտակ փաթիլները, ինչպես խնձորենու ծաղկաթերթեր, դողալով ու երկյուղած իջնում են տանիքների վրա, մարդկանց գլխին, ուսերին, ձիերի մեջքին, ծառերի ճյուղերին ու հեռագրաթելերին, և գիշերային թիթեռների պես պտտվում վառված լապտերների շուրջը։

Կարծես մի անողորմ, մի հսկայական ձեռք երկնային բարձունքից մաղում-թափում է նրանց ցած, որ գան-թաղվեն փողոցների ցեխերի մեջ։

Եվ ահա վախվխելով իջնում են նրանք։ Ուրիշ մարդկանց թվում իջնում են նրանք և ծեր ամուրի Պողոսի ուսերին ու գլխին, որ վերարկուի օձիքն ականջներին քաշած պաշտոնատեղից դառնում է տուն։

Նա հենց նոր դուրս եկավ հագուստեղենի խանութից, ուր գործակատար է երկար տարիներ ի վեր, և հիմա շտապում է տուն ընթրելու։

Ծեր Պողոսն այսպես է. նա միշտ տանն է ընթրում և միշտ շուտ է տուն դառնում։ Նա այն ամուրիներից չէ, որոնք սրճարանում մնում են մինչև գիշերվա 1-2-ը, սիրում են դերասանուհիներ, խոհարարուհիներ, պես-պես փողկապներ և մյատնի կանֆետ։ Ո՛չ... Պողոսն այդպիսի բան չգիտի, նա շատ համեստ է իր կենցաղավարության և ձգտումների մեջ, քնում է երեկոյան ժամը իննին, զարթնում է վեցին, երբ Թիֆլիսի գործարանների սուլիչը աշխատանքի է կոչում բանվորներին. խմում է թեյ, ճաշին ուտում է մի տեսակ կերակուր, իսկ երեկոյան ինչ կպատահի... Առաջ նա սիրում էր մորը, իսկ հիմա, նրա մահից հետո, իր վիշտն և ուրախությունը բաժանում է մոր թողած կատվի հետ... Այսպես է ծեր Պողոսը։ Բայց նա ունի և իր հոգսը — չլինի՜ թե մի հիմար բան պատահի և հանկարծ գործից հեռացնեն իրեն, կամ տանտերը սենյակի քրեհն ավելացնի... Պետք է զգո՜ւյշ լինել...

Չնայած ցուրտ է, բայց ծեր ամուրին տուն է դառնում ուրախ տրամադրությամբ։ Նրա մտքերը թափառում են իր փոքրիկ սենյակում, պտտվում հացի սեղանի շուրջը, նայում են պատից կախված մոր պատկերին, սեղանի ծայրին նստած կատվին և կանգ են առնում անկողնի վրա, ուր իր հետ միասին գիշերները ննջում է մոր թողած ժառանգությունը... Վանա կատուն։ Սակայն նրան ավելի զբաղեցնում է ընթրիքը... Այսօր ձկան գլուխ կա տանը...

Բայց ահա նա մոտենում է իր սենյակին, պատշգամում թափ է տալիս վրայի ձյունը, բանալիի երկու պտույտով բանում է դուռը և մտնում ներս։ Ներս մտնելով՝ սպասում է, որ կատուն մթան մեջ ահա կքսվի ոտներին և կմլավի, թե «սոված եմ»։ Այսպես է հասկանում ծեր ամուրին կատվի մլավոցը... Բայց կատուն այսօր, հայտնի չէ ինչո՛ւ, չի քսվում նրա ոտներին, ի՞նչ է պատահել... Ամուրին զարմանում է մի քիչ. ասենք այդպիսի դեպք հաճախ է պատահում. զարմանալու ոչինչ չկա... նա վառում է լամպը և նայում այս ու այն կողմ, կատուն դարձյալ չի երևում։

— Որտե՞ղ ես, է՛յ,— ասում է ամուրին և կանչում.— փիսի՛, փիսի՛, փիսի՛...

Կատուն դանդաղ դուրս է գալիս մահճակալի տակից և գլուխը կախ, անշարժ կանգնում տիրոջ առաջ։

— Քեֆդ էլի վատ է, հա՜,— խոսում է Պողոսը։— Ով գիտի սովա՞ծ ես... Ոչինչ, հիմի ուտելու բան կտամ քեզ...

Վերջին խոսքերն արտասանելով՝ նա գնում է դեպի հացի սեղանը. բայց դեռ սեղանին չհասած՝ կանգնում է մեխվածի պես։

— Դրա համար ես մռութդ կախել հա՜,— հանկարծ դառնում է կատվին բարկացած։— Ա՜խ, անպիտա՛ն. ախ, դու անամո՛թ...

Եվ նա զայրույթով ձեռքերը թափ է տալի կատվի վրա։

Չնայած ինքը Պողոսը ձկան պնակը ծածկել էր մի ուրիշ պնակով, բայց կատուն, այդ անպիտանը, այնուամենայնիվ կերել է ձուկը։

— Սա քանիերորդ անգամն է, որ այսպես ես անում, անամո՛թ... Կգայի, մենակ չէի ուտի, քեզ էլ կտայի... Իսկ դու, ագահ անասուն, վերցրել ու կերել ես առանց սպասելու,— ասում է ամուրին որդուն խրատող հոր եղանակով և հանկարծ գոչում բարկացած.— Անպիտա՛ն, անպիտա՛ն։

Կատուն երկյուղով շարժում է պոչը և գնում անկյունում նստում։ Նա զգում է, որ հանցավոր է, ուստի և գլուխը կախում է կրծքին։

— Չէ՜, ինչպես տեսնում եմ, դու արդեն չափը անցնում ես,— շարունակում է Պողոսը՝ ձեռքերը թափահարելով։— Անցյալ օրը բաժակն ես կոտրել, էն օրը սերն էիր կերել, էսօր էլ ձուկը... Սա ի՞նչ է... իսկ ինչ քո՛ւ բանն է, էն չես անում։ Գիշերները մկները հանգիստ չեն տալի, դու տերը չես ըլում և վերցնում ես ձուկն ուտում...

Կատուն պոչը սեղմում է ոտներին և գլուխն ավելի իջեցնում, ինչպես մեղապարտը դատախազի առաջ։

Ծեր ամուրին շարունակում է բարկացած անցուդարձ անել։ Նրան ավելի զայրացնում է կատվի համարձակությունը, որ ձուկը կերել է ամբողջապես և միայն ոսկրափշերն է թողել, գոնե մի կողմն ուտեր, էլի ոչինչ, բայց նա կերել է բոլորովին... Եվ Պողոսի բարկությունն աճում է ավելի։ Նա ձեռքը թափ է տալիս հանցավոր կատվի վրա և բացականչում.

— Դո՛ւրս, դո՛ւրս էստեղից, անպիտա՛ն...

Ու դուռն արագությամբ բանալով՝ նա կատվին անում է պատշգամբը և ինքը նստում-մտածում, թե ինչո՞վ ընթրի այս երեկո. ոչ հաց կա, ոչ պանիր. ճաշարան չարժե գնալ՝ հա՛մ թանկ է, հա՛մ անմաքուր... Ու մտածում է երկար։

Մինչ նա մտածում է այսպես, դուրսը կատուն քսվում է դռանը, թռչում լուսամուտի գոգը և չանգռում ապակիները։

— Սատկի՛ր, սատկի՛ր,— ասում է ամուրին։— Բաց չեմ անի, սատկի՛ր...

Ու այս ասելով՝ նա ավելի հաստատ է նստում տեղը, կամենալով ցույց տալ, կարծես, թե իր վճիռն անխախտ է։ Բայց կատուն նորից ոտները քսում է դռանը, թռչում է լուսամուտի գոգը և, ապակիները չանգռելով, մլավում։

Ինչպես երևում է, մրսում է։

— Սատկի՛ր,— ասում է ամուրին նորից,— ձուկը կուտե՞ս...

Սակայն կատուն այս անգամ սաստկացնում է մլավոցը, որ անշուշտ հասնում է հարևանների ականջը։ Նա իր չանգերով նորից բախում է դուռն ու լուսամուտը, և ծեր ամուրիին թվում է, թե կատուն իր մլավոցով ասում է.

«Ների՛ր, ների՛ր, էլ չեմ անի»։

— Քեզ չպետք է ներել, անպիտա՛ն,— ասում է ամուրին։– Դու ամենևին չես խրատվում... Ու այս ասելով՝ նայում է պատից կախված մոր պատկերին, որի հայացքը կարծես ասում է. «Ների՛ր, Պողոս, մեղք է, ների՛ր». հետո մտածում է, որ ձկան գլուխն ուտելով՝ ինքն առանձին բան չէր շահի, չուտելով էլ՝ ոչինչ չի կորցնում։

«Ենթադրենք թե սկի չկա,— մտածում է նա ինքն իրեն, և գտնում է, որ իր արածը այնքան էլ լավ բան չէ. կատվին թողել է դուրսը մլավելով, հարևանները կիմանան, այդ էլ մի ամոթ... Եվ մի փոքր տատանվելուց հետո, նա դնում է դեպի դուռն ու ասում.

— Հը՛մ, էլ էդպես բան կանե՞ս... Ցուրտը կերա՜ր։ Խրատվի՛ր հիմի...

Ու մի քանի րոպեից փակ դուռը բացվում է կրկին և կատուն մտնում է ներս։

Նա մռռոցով քսվում է ծեր ամուրիի կոշիկներին, վարտիքի տոտերին, կարծես շնորհակալություն է հայտնում։

— Այսպես, սիրելիս, այս քեզ խրատ,— մատը թափ է տալի ամուրին։— Մյուս անգամ չհամարձակվե՛ս... Իսկ եթե համարձակվեցիր՝ վա՜յ քեզ... Այն ժամանակ ի՛նչ կուզես արա, էլ դուռը բաց չեմ անի։ Հասկանո՞ւմ ես, որ ես ասում եմ բա՛ց չեմ անի, նշանակում է՝ բաց չեմ անի...

Սակայն կատուն, որ միշտ լսում է այս խոսքերը, ըմբռնում է միայն այն, որ ինքն ի՛նչ էլ ուտում է թաքուն, որքան էլ բարկանում է տերը ու դուրս անում իրեն, բայց և այնպես, ամեն անգամ էլ դուռը բացվում է իր առաջ։

Անցնում է մի ժամ. ծեր ամուրին լույսը հանգցնելով մտնում է անկողին, իսկ կատուն, մեջքը բարձրացնելով ու ձգելով, կծկվում է ու պառկում նրա ոտների վրա։ Փոքր անց՝ ցածրիկ սենյակը լցվում է քնի հանգիստ մշմշոցով...

1916


Ձմռան գիշեր

Լուռ, արծաթաշող գիշեր է. ձյուն է ու լուսին։ Փայլում է ձյունը տանիքների վրա, փայլում է ցանկապատերին և շողշողում ծառերի ճյուղերին։

Ամեն ինչ ողողված է լուսնի առատ լույսով։

Փոքրիկ քաղաքը քնած է խաղաղ։ Փողոցները դատարկ են. պահակներ անգամ չեն երևում։ Շները երբեմն հատ-ընդհատ հաչում են լուսնի վրա և, ուշադրության չարժանանալով, լռում զայրացած մռռոցով։ Կեսգիշերից անց է, բայց քաղաքացի Հակոբի քունը չի տանում։ Չնայած սենյակը տաք է, անկողինը փափուկ, բայց և այնպես քնել չի կարողանում։ Այս բանը պատահում է գրեթե ամեն գիշեր։ Օ՜, երկար են ձմռան գիշերները, մարդ հոգնում է քնելուց։ Եվ Հակոբը լուսամուտից նայելով լուսնի առատ լույսին, շողշողուն ձյուներին, մտածում է.— ի՜նչ լավ կլինի ձմռան գիշերն էլ ամառվա պես կարճ լինի, մարդիկ իզուր ժամանակ չեն կորցնի և կաշխատեն մի բան գլուխ բերել, թե չէ անխոս պառկելուց ի՞նչ օգուտ։ Մտածում է Հակոբը, տնքում է հոդացավ ունեցողի նման և հազում այնպիսի մի հազով, որով ուշադրություն են հրավիրում կամ ուզում են իմանալ՝ հարևանը քնա՞ծ է, թե ոչ։

Սենյակում նրա հարևանը կինն է. և որքան էլ Հակոբը հազում է, շարժվում, կինը կարծես չի լսում, քնա՞ծ է, թե քնած է ձևանում — դժվար է իմանալ։ Սպասում է Հակոբը մի փոքր և էլի հազում։ Նույնը։ Բայց նա խոսելու անդիմադրելի ցանկություն է զգում, նրա գլխում խռնվում են բազմաթիվ մտքեր, կասկածներ, ենթադրություններ, ուզում է հայտնել, ստուգել։ Ու կամաց, քնքշանքով հրում է կնոջը։

— Արո՛ւս, ա՛յ Արուս։

Կինն անմիջապես չի պատասխանում. ճրրում է, ասես երազի մեջ, գլուխը թեքում է բարձի վրա և տնքում քնից զարթնողի տնքոցով։

— Ի՞նչ է։

— Քնա՞ծ ես,— հարցնում է մարդը։

— Ի՞նչ կա որ...

Ու կնոջ ձայնի մեջ լսվում են դժգոհության շեշտեր։

— Ոչինչ,— ասում է մարդը՝ երեսը կնոջը դարձնելով։— Ասում եմ՝ տեսնես էս ցրտովը զինվորներն ինչպես են մնում դիրքերում՝ լեռների մեջ, ամայի դաշտում։ Մինչև անգամ գայլեր կարող են երևալ։

— Հա՛, չէ մի, պոզեր,— խոսում է կինն անտարբեր։

— Այո՛-այո՛, քեզ բան եմ ասում,— առարկում է Հակոբը։— Միթե չգիտես, որ ռազմաբեմերում միշտ գայլեր են երևում։ Հիմի կհարցնես՝ ինչպե՞ս։ Ա՛յ ասեմ։ Հեռվից զգում են մարդկային դիակի հոտ և իջնում սարերից, անտառներից...

Մի րոպե լռում է մտախոհ և ապա շարունակում.

— Էհ, պատերազմը շատ վատ բան է, շա՛տ... Մեկ-մեկ մտածում եմ — եթե մի օր հանկարծ թշնամին մոտենա քաղաքին, ի՞նչ ես կարծում, դերձակ Մինասը ո՞նց պիտի փախչի, ինքը կաղ, կինը պատճառավոր, հինգ էլ երեխա. ո՛չ կառք կարող են վարձել, ո՛չ սայլ։

— Ձիով կերթան,— ասում է կինը,— մի բան որ տան-մեջ չունեն։

— Ձի՜։ Օ, սիրելիս, ձին ավելի թանկ է... Մեկ էլ, փախչելու ժամանակ ո՛վ իր ձին ուրիշի կտա։ Ոչ ոք։ Չէ՛, նրանց համար շա՛տ, շա՛տ դժվար կլինի։ Մանավանդ որ կինը պատճառավոր է, չի կարող ձի նստել։

– Թա՛նկ է, չի՛ լինի, ոտով կերթա՛ն,–ասում է կինն էլի անտարբեր։

— Հեշտ է ասել՝ ոտո՛վ։ Ապա մի փորձիր էս ձյունին ու ցրտին։ Կարո՞ղ ես սկի։

Կինը բարկանում է թեթև ու ձեռը հանում վերմակի տակից։

— Էլի՛...Ինչո՞ւ մեզ թողած՝ ուրիշների մասին ես մտածում։

— Դե՛, մեզ ի՛նչ կա,—ասում է մարդը.— մենք ոտով էլ կերթանք։ Իսկ թե դերձակն ինչպե՞ս կանի— չգիտեմ։

— Դե լա՜վ,— երեսը շուռ է տալիս կինը,— թշնամին չեկավ՝ փախչելը մնաց։

— Ասում եմ՝ եթե մի օր գա,— պատասխանում է Հակոբն արդարանալու պես։— Չէ՞ որ մարդ պետք է մի քիչ հեռուն մտածի։

Կինը նորից թեթև նեղանում է։

— Լա՛վ. թող քնենք,— ասում է երեսն ավելի շրջելով։ Հակոբը լռում է։ Նայում է լուսնի շողերին, որ ընկել են հատակին, պատին և շողշողեցնում են պահարանի ապակիները։ Դուրսը քամի է։ Լուսամուտի առջևի ձյունածածկ ծառը թեթև երերվում է և խաղացկուն լույսեր ու ստվերներ փռում հատակին։ Լռություն է. քնած է տունը, քնած են հարևանները, քնած է ամբողջ քաղաքը։ Բայց Հակոբի քունը դարձյալ չի տանում։ Լռության մեջ անցնում է բավական ժամանակ. նա մեջքի վրա պառկած՝ մտածում է ու կենտահազ տալիս։ Ապա երկար նայում է ծառի երերվող ստվերներին ու նորից կամաց հրում կնոջը.

— Արո՛ւս։

Կինը տնքում է հառաչանքով։

— Զարթո՞ւն ես։

Կինը զարթնում է դժկամ.

— Ի՞նչ է, է՜...

— Ոչինչ. մի բան եմ ուզում ասել։ Տես՞ե լ ես տերտերանց բակում ինչքան սառուց կա։ Զարմանալի է, թե ինչո՛ւ չեն մաքրում։ Էնքան երեխա ունեն, պառավ մայրը, կինը — միշտ ման են գալիս բակում, և մեկը չի մտածում, որ կարող են ընկնել, վնասվել։ Դե արի ու էս թանկ ժամանակ բժշկիր դրանց։ Անմիտնե՜ր։ Ես կարծում եմ՝ պետք է հասկացնել, որ մաքրեն։ Համ էլ, գիտե՞ս ինչ, սառուցը ծառերին կարող է վնասել։ Ափսոս են։ Իսկ նրանց բակում ծիրանի լա՜վ ծառեր կան...

— Է՜հ,— ընդհատում է կինը,— ինչ կուզե ըլեն. մեր բակում քիչ սառուց չկա. մաքրող ես մեր սառուցը մաքրի։ Քարը տերտերանց գլխին էլ, նրանց ծառերի էլ։

— Ախր չէ, է՜, լավ ծառեր են, դրա համար եմ ասում։ Մի՞տդ է՝ հերու ինչքան էին բռնել, քիչ էր մնում ճղակոտոր ըլեին։ Եթե է՛ս տարի էլ էդքան բռնեն, հասկացնեմ պիտի, որ ճղների տակը տայաղ տան։

— Է՜, քնիր,— ասում է կինը տրտունջով,— էդքան ծառ սիրող ես՝ ինչո՞ւ մեր բակում մի ծառ չես տնկում...

Հակոբը լռում է. ուզում է առարկել կնոջը, որ իրենց բակում ծառ չի կարող աճել, քանի որ ջրի արխ չունեն, բայց միտքը նոր բան է ընկնում հանկարծ։

— Բա իմացել ե՞ս,— ասում է աշխուժով.— Տոնոյի կովը ծնել է, օրապակաս հորթ է բերել։ Ինչպես պիտի պահեն՝ չգիտեմ։ Զարմանալի է։ Պոչն էլ կարճ է, ասում են։ Մի թիզ։ Եթե ամառը ճանճերը վրա տան՝ ո՞նց պիտի անի։ Հը՞։ Բոռերը կխեղդեն անպատճառ...

Կինը չի լսում այլևս, նա քնած տնքում է, ասես ծանր բեռան տակ։ Լսում է Հակոբը կնոջ քնաձայնը և նայում նորից լուսնի շողերին։ «Այո, բոռերն անպատճառ կխեղդեն, եթե պոչը չերկարի»,— մտածում է նա։

Ժամանակն անցնում է լռության մեջ և լռությունը, թվում է, հոսում է։ Հակոբն իր ականջներում խուլ, շատ խուլ խշշոց է լսում։ Ծառի շվաքն այժմ ընկել է դիմացի պատին, ուր լույսեր ու ստվերներ են խաղում նորից։ Երևի դուրսը դարձյալ քամի կա։ «Այ՛ո, անշուշտ, քամի կա,— մտածում է Հակոբը.— Իսկ քամին հիմա ծառերին վնաս է։ Տերտերանց ծառերն էլ հենց քամու առաջ են»…

Քամ՞ին։ Ի՛նչ վնասներ ասեք որ չի պատճառի քամին, մտածում է Հակոբը։ Օ, եթե այդ քամին հանկարծ հողմ դառնա՝ ինչե՜ր ասես չի անի։ Մանավանդ եթե հրդեհ լինի քաղաքի որևէ թաղում։ Ի՛նչ հրդեհ։ Լուցկու կայծը մենակ բավական է, որ քաղաքը կրակի ծով դառնա։ Դա կարող է պատահել հենց մի որևէ ծխնելույզից։ Քամին էլ հո միշտ հակառակ է ծխնելույզներին։

— Աստված ոչ անի, եթե էս քամու ժամանակ վառվող բուխարիկ լինի,— ասում է Հակոբն ինքն իրեն և մտածում այն անփույթ տանտերերի վրա, որ ծխնելույզները չեն մաքրում ձմեռնամտին... Չեն մաքրում և ստանում են պատիժը։ Բայց ցավն այն է, որ նրանց հետ տուժում են ուրիշներն էլ։

Ու Հակոբը մտախոհ շարժում է գլուխը բարձի վրա, ապա զգուշությամբ ձեռը դիպցնում կնոջ կողին։

— Արո՛ւս...

Կինը չի լսում...

— Արուս,— կանչում է Հակոբն ավելի բարձր։

Արուսն այս անգամ զարթնում է մեծ դժկամությամբ և թոնթորում է ինչ-որ։

— Արուս,— սկսում է Հակոբը հոգատար ձայնով, ուշադրություն չդարձնելով կնոջ քրթմնջոցին։— Մի բան եմ հարցնելու, դու կիմանաս, որովհետև բալկոնում շատ ես լինում։

— Կարճ կտրի,— ասում է կինը։

— Ասում եմ՝ գուցե տեսած լինես,— շարունակում է մարդը։— Ես կարծում եմ տեսած կլինես, որովհետև բալկոնից երևում է։ Կարապետ աղեն էս տարի իր բուխարիկները մաքրել է տվե՞լ...

Կինը դժգոհ շարժումներ է անում։

— Ի՜, Արուսն ուրիշ բան չունի, աչքը Կարապետ աղի բուխարիկների վրա պիտի պահի։ Գլուխը քարը Կարապետ աղի էլ, նրա բուխարիկների էլ։

— Չէ՛, ախր մի լսի՛ր. գիտես ինչ կա,— հասկացնում է Հակոբը կնոջը,— եթե չի մաքրել, խայտառակ բան կլինի։

— Ի՞նչ,— հարցնում է կինը բարկացած։

— Ի՞նչ, միթե չես հասկանում ինչ կպատահի, եթե մաքրած չլինեն։ Էն էլ քամու ժամանակ։ Բավական է բուխարիկներից մեկը վառվի, էլ հնարավո՞ր է հանգցնել։ Ու հետո, գիտե՞ս, ի՛նչ կլինի։ Կվառվի ոչ միայն նրա երկու հարկանի տունը, կվառվի ամբողջ կահկարասին, կվառվի աղջկա բաժինքը, ու միանգամից կքանդվի երկու տուն։ Ասում են՝ աղջիկը մի տան բաժինք ունի։ Հետո, ներքև կվառվի գինին, կոնյակը... Ու ամբողջ վերի թաղը։ Հասկանո՞ւմ ես...

— Էհ, հերի՛ք է,— բարկանում է կինը, այլևս չկարողանալով իրեն պահել,— խալխի դարդարարը չես։

— Ասում ես էլի՜,— վշտանում է Հակոբը քիչ լռելուց հետո,— ինչպե՞ս դարդ չանես, երբ մի անփութության պատճառով՝ քաղաքի ամենալավ տունը և մի ամբողջ թաղ կարող է ոչնչանալ։ Ինչպես դարդ չանես, երբ քավոր Բարսեղը հրե՛ն գետնախնձոր է առել, կեսը ցրտատար է դուրս եկել։ Կամ...

Կինն այլևս չի լսում։ Ճրրալով թեքվում է մյուս կողքի վրա ու քնում։ Իսկ Հակոբը կնոջ այդ վարմունքից դժգոհ՝ շարունակում է մտածել, թե որպիսի հրդեհ կառաջանա քաղաքում, եթե Կարապետ աղի ծխնելույզն իսկապես մաքրված չլինի։ Փոքր անց, սակայն, նրա մտածումները խանգարում են մկները, որ վազվռտում են առաստաղում ու տախտակներն աղմկում այնպես, որ թվում է քարեր են գլորում վերև։

Լսելով մկների աղմուկը, Հակոբը հառաչում է և մտածում, թե արդյոք ինչպե՞ս են ապրում մկներն առաստաղում։

— Տեսնես ինչո՞վ են կերակրվում դրանք այդ չոր տախտակների մեջ,— ասում է նա մտքում ու շարունակում մտածել։

1916


Շաքարաման

Թիֆլիսի Սալդաթսկի բազարով (ուր ծախում են թթու դրած վարունգ, կեղծած յուղ, գողացած շորեր և հին ոտնամաններ) անցնում էր մի երիտասարդ՝ մի փոքրիկ կապոց ձեռին։

Նա գնում էր ծանր ու մոլորուն քայլերով և շարունակ շուրջը նայելով, ինչպես տան հասցե որոնող օտարականն, և դրա հետ միասին նրա դեմքն ուներ մի այնպիսի արտահայտություն, որպիսին ունենում են միայն քննադատությունից պախարակված բանաստեղծները՝ կես-վիրավորված, կես-ամոթահար։

Եթե նրա գլխին՝ անգլիական հին կեպիի փոխարեն լիներ ֆրանսիական լայնեզր գլխարկ, կարելի էր կարծել, որ նա գյուղական ուսուցիչ է և քաղաք է եկել իր համար գլխարկ գնելու կամ ներկայացում տեսնելու, իսկ եթե նա՝ իր մի քիչ երկար և շատ նստելուց փեշերը ծալված խունացած պիջակի տեղ հագած լիներ բենզինով սրբած մի նեղ բաճկոն, կարելի էր ենթադրել, որ գավառական քաղաքից եկած մանր գործակատար է։

Բայց, իսկապես, ո՛չ այս էր, ո՛չ այն, այլ, եթե ճիշտը կուզեք իմանալ, մի բանտարկյալ, որ նոր էր դուրս եկել բանտից։

Օ՜, որպիսի խնդությամբ թնդաց նրա սիրտը, երբ բանտի երկաթե դռները բացվեցին նրա առաջ, և նա դուրս եկավ փողոց, ուր փոշու նման մանր անձրև էր մաղվում երկնքից։ Այդ ժամանակ նա, իհարկե՛, շատ բան զգաց, ինչպես բանտից դուրս եկող ամեն մարդ, սիրելի թվացին նրան մարդիկ, բաց լուսամուտներով տները, երթևեկող կառքերը և երկնքից իջնող մանրահատ անձրևը։ Բայց, սրանից զատ, նա զգաց նաև մի ուրիշ բան. հայտնի չէ ո՛ր նկուղից, ո՛ր տնից կամ ո՛ր ճաշարանից նրան հասավ կերակրի անուշ հոտ և նրա մեջ զարթեցրեց տաք կերա կուր ուտելու փափագ։ Ու մտավ նա առաջին պատահած ճաշարանը։ Եվ երբ բոլորովին ճաշից կշտացավ, սկսեց մտածել իր դրության մասին, ինչպես բնականաբար անում են մարդիկ կշտանալուց հետո։ Մտածում էր, թե ո՞ւր պիտի գնա հիմա և որտե՞ղ պետք է գիշերի. քաղաքում չուներ ոչ ազգական, ոչ մոտ բարեկամ, իսկ ձեռին կար ընդամենը մի մանեթ, որից 30 կոպեկ տվեց ճաշին։ Նա մտածեց հեռավոր ծանոթների մասին, իրենց լոռեցիների մասին, որոնցից ամեն մեկը մի գործ ուներ քաղաքում։ Մտածեց գնալ դերձակ Օհանեսի մոտ և օգնություն խնդրել նրանից մի քանի օրվա համար, մինչև որ գործ կգտնի, բայց հետո հիշեց, որ մի տարի առաջ չէր կատարել նրա հանձնարարությունը, գյուղից գալու ժամանակ լոբի չէր բերել դերձակի համար։ Ապա ուզեց գնալ կոշկակար Նիկոլի տուն, սակայն այստեղ էլ անկարելի գտավ, մի անգամ վեճի միջոցին ինքը կոշկակարին անվանել էր բուրժուա, և կոշկակարը սաստիկ վիրավորվել էր։ Հետո նա մտածեց դիմել ուրիշ հայրենակիցների՝ բազազ Սարգսին, գործակատար Բագրատին կամ դարբին Սիմոնին, բայց նորից անհարմար բաներ հիշեց և, վերջապես, որոշեց ուղղակի դիմել խանութպան Աբելին, որը իր հանգուցյալ հոր լավ ծանոթն էր, որին իր հայրն էր «մարդ շինել», գյուղից քաղաք բերելով։ Աբելը ամենահուսալին թվաց նրան։

Եվ այժմ ահա, Սալդաթսկի բազարի աղմուկի միջով, գնում էր նա մանրավաճառ Աբելի մոտ օգնություն խնդրելու։ Գնում էր ու մտածում Աբելի մասին, նրա խանութի մասին, ուր եղել էր միայն երեք տարի առաջ, և նրա ցուցանակի մասին, որի վրա նկարված էր շաքարի մի գլուխ և տանձ ու խնձորով լիքը մի ապակյա վազ։ Այսպես մտածելով, միաժամանակ չէր կասկածում, որ Աբելը մերժի իրեն։

— Իհարկե, չի մերժի,— ասում էր նա ինքն իրեն,— քանի որ հերս է մարդ շինել նրան։ Եթե իմ հերը չլիներ, նա հիմի տրեխները հագին չոբան էր... Իսկ եթե «չեմ ու չում» անի, ձեռնափոխ կուզեմ, հետո կտամ...

Այս մտածումներով հասավ Աբելի խանութին և, կանգնելով, ապակիների միջից նայեց ներս։ Խանութում կար միայն մի գոգնոցավոր փոքրիկ տղա, որն ինչ-որ ծամում էր արագ–արագ։ Երիտասարդն սկզբում օրորվեց անվստահության մեջ. մտնե՞լ, թե՞ չմտնել, ապա մի քիչ ավելի պարզ պատկերացնելով իր դրությունը, որ գիշերելու տեղ չունի, ճաշելու փող — համարձակություն ներշնչեց իրեն ու մտավ խանութ։

Փոքրիկ տղան նրան տեսնելով՝ արագ հանեց բերնի ծամոնը և կոխեց գրպանը։

— Ի՞նչ եք ուզում,— հարցրեց նա համարձակ ձայնով։ Երիտասարդը տատանվեց մի րոպե։

— Ես ուզում էի...— փնթփնթաց նա։— Պարոն Աբելը. խազեինդ, էստե՞ղ է... տա՞նն է...

— Հա՛, ճաշում է... կուզե՞ք կանչեմ։

Երիտասարդը նորից տատանվեց, անհարմար ժամանակ եկավ, եթե մի քիչ հետո գար, լավ կլիներ... Բայց՝ ոչինչ, թող կանչի, եթե այդ չի խանգարի ճաշելուն։

Եվ փոքրիկ տղան արագ անցավ խանութի ետևը, իսկ երիտասարդը մոտեցավ վաճառասեղանին և, մինչև Աբելի գալը, սկսեց դիտել այնտեղ դրված հաստ, միատեսակ խփավոր շաքարամանները, որ սովորաբար գործ են ածում միայն գյուղական քահանաները և քաղաքի սարկավագները։ Նա մեկ-մեկ վերցնում էր նրանց խուփը, դիտում անտարբեր և մտածում, որ Աբելն իրեն դժվար թե ճանաչի, ահա երեք տարի է չի տեսել... Բայց եթե ճանաչի, երևի շատ կուրախանա, չէ որ իր հոր շնորհիվ է այս խանութի տերը դարձել, և, անկասկած, չի մերժի, կօգնի իրեն... «Իսկ եթե իմանա, որ գողության համար եմ բանտ նստել, դժվար թե մի բան տա,— մտքում խոսում էր նա,— երբեք, չի հավատա, որ անմեղ եմ եղել և այդպես էլ դուրս եմ եկել... Չէ՞ որ մարդիկ չեն հավատում բանտից դուրս եկածի անմեղության»... Եվ նա ուզեց դուրս գալ խանութից, հեռանալ, որ իր հայրենակիցը ոչինչ չիմանա իր մասին, բայց հետո մտածեց, որ վատ բան կկարծեն ետևից, ու մնաց։

Ու հենց այդ րոպեին միջապատի ետևից լսվեց արագ քայլերի ձայն։ Երիտասարդը ինչպես ձեռքը դրել էր շաքարամանի վրա, այդպես էլ մնաց անշարժ, որ բան չկասկածեն։

Ներս մտավ ձեռքերը իրարից հեռու բռնած (երևի յուղոտ լինելու պատճառով) մի միջահասակ մարդ, մի իսկական լոռեցի բարի և ռամիկ դեմքով, որի գլխի ու երեսի ալեխառն կարճ մազերը նմանում էին ոզնու փշերի։ Ներս մտնելով՝ նա հարցրեց.

— Ի՞նչ եք կամենում։

— Ես,— սկսեց երիտասարդը շաքարամանի խուփը շարժելով,— ես ուզում էի...

Նա շփոթվեց մի րոպե ճաշը կիսատ թողած մարդու առջև, որ անհամբեր աչքերով նայում էր իրեն.

— Ես ուզում էի...— շարունակեց նա այս անգամ էլ շաքարամանը շարժելով։

Խանութպանն անհանգիստ շարժում արավ և, տեսնելով, որ երիտասարդը շարունակում է շաքարամանին նայել, հարցրեց։

— Ի՞նչ, շաքարաման եք ուզո՞ւմ... Դա կարժենա մի մանեթ...

«Չճանաչեց»,— մտածեց երիտասարդը և ուզեց հասկացնել, թե ո՛վ է ինքը։

— Գիտե՞ք, ես քեռի Խեչանի տղեն եմ,— ասաց նա և կարմրեց, ու իսկույն մտածեց, որ հիմար բան ասաց, ի՜նչ կարիք կար...

— Քեռի Խեչանի՜,— զարմացավ խանութպանը,— մեր քեռի Խեչանի՞...

— Այո՛,— ուրախացավ երիտասարդը, որ գործը լավ սկսեց։

Հիմա երևի Աբելը հարցուփորձ կանի իրեն...

— Հա՜, դե՜հ որ մեր քեռի Խեչանի տղեն եք, ձեզ կարելի է մի բան զիջել,— շարունակեց խանութպանը,— տվեք 90 կոպեկ ու տարեք, շատ լավ ապրանք է, չեք փոշմանի...

Երիտասարդը լռեց։ Նա մտածում էր ինչպես շարունակել սկսածը, բայց ուզում էր, որ Աբելը շարունակի և հարցեր տա իրեն, սակայն Աբելը լռում էր և, ձեռքերը իրենից հեռու բռնած, անհամբեր նայում էր նրան։

— Հը՛մ, ձեռք չի՞ տալի...

— Ես... գիտե՞ք...— խոսեց երիտասարդը և ուզեց ասել, որ ինքը բանտից նոր է դուրս եկել, կարիքի մեջ է, բայց դարձյալ լռեց։

Ինչ կարիք կա այդ ասելու, ինչ կարիք կա...

— Հավատացեք՝ պակաս չի կարելի,— առաջ տարավ իր խոսքը խանութպանը.— էդ էլ ձեր խաթեր համար եմ տալի։ Դրա նմանները միշտ ծախում ենք մեկ ու քսանով, ձեզ տալիս եմ 90-ով։ Ապրանքի մասին էլ խոսք չի կարող լինել, օդեցկի (Օդեսայի), լավ, դիմացկուն։ Եթե չկոտրեք՝ քսան տարի կդիմանա...

Երիաասարդն օրորվեց երկմտության մեջ.

— Գիտե՞ք, ես նոր եմ դուրս եկել բանտից, այնպես որ...— փորձեց շարունակել նա, բայց նորից նայելով խանութպանին ու փոքրիկ տղային՝ լռեց դարձյալ։

Աբելը նորից անհամբեր շարժում արավ. մի այնպիսի շարժում, որ հատուկ է միայն ճաշը կիսատ թողած կամ մի տեղ շտապող մարդկանց։

— Համարյա թե առքի գինն եմ ասում,— ասաց նա շտապ–շտապ,— առքի գինը...

Երիտասարդն իր հայրենակցի ձայնից զգաց, որ դժգոհություն է պատճառում նրան, գուցե դժդոհություն է պատճառում և այն փոքրիկ տղային, որ այնպես համարձակ, ամբարտավան աչքերով նայում է իրեն, և նա դուրս գալու քայլ արավ։

— Ձեռք չտվե՞ց,— հարցրեց խանութպանը։

Երիտասարդն արիացավ։

— Ոչ, թանկ է։

— Դուք որքա՞ն կարող եք տալ։

Նա դիտմամբ ցած գին ասավ.

— Յոթանասուն կոպեկ։

— Վնաս է լինում...

— Ավել չեմ կարող,— պատասխանեց երիտասարդն ակամա և շտապեց դեպի դուռը։

— Տվեք ութսուն։

— Ավել չեմ կարող,— կրկնեց երիտասարդը հաստատ ձայնով, և գոհ մնաց ինքն իր ձայնից, իր պատասխանից, ու դուռը բանալով՝ ոտքը դրեց շեմքը։

— Լա՛վ, համեցե՛ք, համեցե՛ք, տարեք,— կանչեց խանութպանը նրա ետևից,— համեցե՛ք... քանի որ մեր քեռի Խեչանի տղեն եք ի՛նչ արած...

Երիտասարդն անխոս ետ դարձավ, տվեց 70 կոպեկ, ունեցած ամբողջ գումարը, և շաքարամանն առնելով՝ դուրս գնաց։

Մի քանի րոպեից արդեն նա քայլում էր նորից նույն Սալդաթսկի բազարով, նույն կապոցի հետ մի նոր շաքարաման ձեռքին...

1916


Մանուկներ

Վաղուց Ոսկերչյան եղբայրների վաճառատան կողքին ընկած էր շաքարի մի տակառ։ Ընկած էր երկու տան արանքում, նեղ մի փակուղում, ուր ոչ ոք չէր մտնում։ Ընկած էր նա փայտե կապերը մեջքին, բերանը միշտ բաց, և մեջը խուրձից ավելի տրորած ծղոտ, որ մնացել էր վաճառված շաքարից։ Ու այդպես՝ մարդկանց աչքից հեռու, արևի ու անձրևի տակ, կողքը հեռագրաթելի սյանը դեմ տված ու, իր վիճակից կարծես դժգոհ, տրտում նայում էր երկու տան արանքով երևող երկնքի շերտին... Մոտիկ, հենց մի քանի քայլի վրա, մեծ փողոցով անցնում էին շատ մարդիկ, բայց մեկը չէր նայում նրան, բոլորը, անգամ տերերը, ասես չէին տեսնում նրա գոյությունը։ Երբեմն միայն նրան մոտենում էին փողոցաշրջիկ շներ և հոտոտելով՝ անցնում դունչները ցցած։ Ըստ երևույթին տակառը նրանց ևս դուր չէր գալիս։ Ու մնում էր մոռացված, երեսի վրա ընկած։ Եվ այդպես երկա՜ր ժամանակ...

Բայց մի օր — անսպասելի — նրա մեջ երևացին բնակիչներ։ Հայտնի չէ ինչպես, նրանում բնակություն էին հաստատվել ինչ-որ մանուկներ, մեկը դրանցից, ամենամեծը՝ աղջիկ էր, մոտ ութ տարեկան՝ խճճած, փոշոտ մազերով. փոքրը նույնպես աղջիկ էր՝ հազիվ չորս-հինգ տարեկան, նրա մազերը հասած հաճարի գույն ունեին և աչքերը մուգ կապույտ էին, մանուշակի նման, իսկ միջնեկը՝ տղա էր՝ կաշվե գոտին մեջքին։ Երեքն էլ բոբիկ էին և բաց, գանգուր գլուխներով։ Վերջին հանգամանքը ցույց էր տալիս, որ մի ընտանիքից են, բայց թե ովքե՞ր էին, որտեղի՞ց էին եկել և ո՞ւր էին գնալու՝ հայտնի չէր։ Երևում էր միայն, որ մեծն ակներև հովանավորում էր փոքրերին և նրանք ակնածու լսում էին նրան։ Երբ անցորդներից մեկը, պատահաբար, նայում էր նրանց կողմը կամ մոտենում էր մի շուն՝ փոքրերը երկյուղով նայում էին քրոջը՝ վտանգավոր չե՞ն արդյոք մեկը կամ մյուսը։ Իր նայվածքներով մեծը միշտ հանգստացնում էր փոքրերին և փաղաքուշ ձայնով սիրտ տալիս նրանց։ Այսպես անում էր մանավանդ այն ժամանակ, երբ պատրաստվում էր նրանց մենակ թողնելու։ Իսկ նա փոքրերին մենակ թողնում էր շատ հաճախ։ Ամեն օր վաղ առավոտից այդ բոբիկ, գանգուր մազերով աղջիկը գնում էր շուկա, աչքերը գետնին ինչ-որ որոնում էր մրգավաճառների խանութների առջև ու կանաչեղենի սայլերի արանքում։ Որոնվում էր ուշադիր, մանրազնին, զարմանքով նայում էր կախված մսերին, սալակների մեջ դարսված մրգերին ու կանաչեղենին։ Նայում էր երկար ու նորից անցնում շուկայի հրապարակը, ուր լինում էին միշտ սեխի, ձմերուկի կլեպներ, կանաչեղենի թափթփուկ, փչացած բողկ, ճլորած սոխ, կոտեմ, պամիդոր... Մի երկու ժամվա պտույտից հետո նա՝ գոգը լիքը վերադառնում էր տակառ՝ գոհ ու ժպտուն։ Նրան տեսնելով երեխաներն իսկույն գլուխները հանում էին տակառից և ձեռները պարզած՝ ճչում խնդալից, ինչպես մորը տեսնող թռչունի ձագեր։

— Եկա՛վ, Ատ՛ան եկա՜վ...

Այսպես էին կանչում նրանք մեծ քրոջը, և Ատան գոհ ժպտում էր ու դեռ հեռվից ցույց տալիս գոգի բարիքները։ Ապա, երբ գլուխն իջեցնելով մտնում էր տակառ, չորս փոքրիկ ձեռներ անմիջապես նրան էին պարզվում ագահ, դողդոջ շարժումներով։ Ատան կարգի էր հրավիրում նրանց «կամա՛ց, ա՛յ կամաց», և ուտելիք բաժանում։ Փոքրերն ախտրժակով ուտում էին սեխի, ձմերուկի կլեպները, երբեմն իրար ձեռքից կտորներ խլելով։ Ատան նորից կարգի էր հրավիրում նոր կտորներ տալով կամ չտալու սպառնալիքով։ Երեխաները հանդարտում էին և շարունակում կրծել կեղևները, միաժամանակ ագահ նայվածքներ ուղղելով միմյանց ուտելիքի վրա... Երբ նախաճաշը վերջանում էր, Ատան փոքրիկների գլուխը դնում էր իր ծնկներին ու քորելով՝ քնեցնում նրանց։ Ճաշից առաջ ու հետո կրկնվում էր նույնը։ Ատան երեխաների գլուխն իր ծնկներին պահում էր այնքան ժամանակ, մինչև որ քնում էին։

Այս լինում էր առանձնապես երեկոները։

Բայց միշտ այսպես խաղաղ չէր անցնում կյանքը տակառում։ Երբեմն փոքրիկները հիշում էին մորը և սկսում լալ։ Այդ ժամանակ Ատայի համար սկսվում էր մի ծանր աշխատանք. հանգստացնում էր փոքրերին մեղմ, սիրող խոսքերով. շոյում, գուրգուրում էր նրանց և օրորում ծնկան։— Մայրի՞կը... օ՜, մայրիկը վերև է,— ասում էր նա երկինքը ցույց տալով.— նա կգա, եթե նրանք քնեն։ Իսկ եթե լաց լինեն,– եթե շարունակեն այսպես լաց լինել — նա չի գա. այո՛, չի գա։ Կխռովի ու չի գա։ Հասկանո՞ւմ եք... Եվ փոքրերը, մորը չվշտացնելու համար, լռում էին ամեն անգամ ու աչքները գցում երկինք, որտեղից մայրիկը պիտի գար։

— Բա ո՞ւլ ա, ինցո՞ւ ցի գալի,— ասում էր երբեմն փոքրիկը, քրոջը չհավատալով։

— Կգա, կգա ... դու որ խելոք կենաս՝ նա կգա,— պատասխանում էր Ատան։— Մայրիկը չի սիրում, որ լաց են լինում։ Հասկանո՞ւմ ես...

Փոքրիկը լռում էր ու նայում երկինք, նրա հետ երկինք էին նայում և քույրն ու եղբայրը։ Ու երկար, երեքը միասին, գլուխները տակառից հանած, նայում էին երկնքին, աստղերին, որ փայլում, շողշողում էին բոցավառ աչքերի նման։ Ուրեմն մայրիկն այնտեղ է՝ աստղերի մոտ, մտածում էին նրանք, և թվում էր, որ այն բոլոր մայրիկները, որ տնից գնացել են հեռու, հիմա աստղեր դարձած՝ վերևից նայում են և սպասում, որ ամեն ինչ խաղաղվի, որ երկնքի սանդուղը ձգվի, որպեսզի գան իրենց երեխաներին համբուրեն... Այսպես էր ասում Ատան, և փոքրիկներն սպասում էին մայրիկին։ Բայց, տեսնես, այդ պսպղուն աստղերից ո՞րն է մայրիկը։

— Բա ո՞ւլ ա, ո՞ւլ ա մայլիկը,— շարունակում էր փոքրիկը աչքը դարձյալ աստղերին։

Ատան լուռ, երկար նայում էր երկնքին, շողազարդ աստղերին և մատը մեկնում մի աստղախմբի։

— Հրե՛, էն կողմը մեր գեղի աստղերն են,— ասում է նա,— էնտեղ է մայրիկի աստղը։

Փոքր աղջիկը, նրա հետ և փոքր տղան, վիզները ձգում են ավելի և նայում քրոջ ցույց տված աստղախմբին։ Շողում են աստղերը, շողշողում խմբով և թարթում իրենց ոսկե թարթիչները... Ու կամաց-կամաց փոխվում են նրանք աչքերի և աչքով անում մանուկներին։ Թվում է՝ ժպտում են, ժպտում սիրով և ջերմություն ծորում ցած...

Ու քիչ հետո, աստղերի արանքում հետզհետե երևում են նրանց կանացի ծանոթ դեմքեր՝ շողշողուն աչքերով։ Երևում են շատ-շատ մայրիկների դեմքեր... Ու այդ բոլորի մեջ ամենից պայծառ, ամենից ժպտուն տեսնում են իրենց մայրիկի դեմքը, որ ժպտում, ծիծաղում է ու, կարծես, կանչում, կանչում վերևից...

Աղմկոտ քաղաքը նիրհում է կամաց-կամաց, ձայները մարում են, մեռնում, լույսերը հանգչում մեկ-մեկ, բայց երեխաներր շարունակում են դեռ լուռ, շնչազուսպ նայել աստղերին, որ միալար թարթում, ժպտում և աչքով են անում նրանց...

Մի օր էլ փոքրիկ Աչին, ինչպես կանչում էին նրան, հիվանդացավ հանկարծ։ Ծղոտի վրա պառկած՝ նա շարունակ երկինք էր նայում, և երբ աստղերն ելնում էին կամարում, նայվածքն ուղղում էր այն աստղախմբին, որ Ատան էր ցույց տվել։ Նայում էր, նայում անթարթ—անընդհատ և շուտ-շուտ ժպտում ինքն իրեն։ Մի անգամ էլ, երբ նայում էր այդպես, նրան երևաց մայրը, որ աստղերը ճակատին, շորերն աստղազարդ, աստղանման աչքերով իջնում էր ցած, իջնում էր երկնքից և ժպտում ու կանչում ձեռները պարզած։

Աչին խնդաց հանկարծ, և նիհար թաթիկները մեկնեց դեպի վեր, դեպի աստղերը ու մնաց այդպես, մինչև որ մայրը մոտեցավ կամաց-կամաց ու գրկեց նրան...

1916


Մայթերի վրա

Իմ սենյակի լուսամուտը բացվում է մի փողոցի վրա, ուր քաղաքապահ ոստիկան չի կանգնում։ Ինչ ասել կուզի, որ այս հանգամանքը հաճելի է ինձ. բայց այստեղ իմ նպատակը չէ պատմել այդ ոստիկանի մասին։ Աստված նրա հետ։ Ես ուզում եմ ասել՝ քանի որ իմ փողոցի վրա ոստիկան չկա, այդ պատճառով այնտեղ, առավոտից մինչև երեկո, ազատ ողորմություն են հավաքում երկու մուրացկան։ Մեկը մի զառամ ծերուկ է Դարվինի նման՝ մեծ գլխով ու սպիտակ խռիվ մորուքով, աջ ոտքը փայտից է, այնպես հաստ ու կոպիտ, որ հիշեցնում է սապոգի ճտքի կաղապար՝ անթարթ ու անկրունկ և որովհետև թրխկում է անախորժ, այդ պատճառով ման է գալիս հենակով, ու միշտ ինչ-որ քրթմնջում է քթի տակ, որ դժվար է իմանալ — օրհնո՞ւմ է, թե անիծում... Մյուսը՝ մի ջահել կին է — առողջ, արևառ դեմքով ու բազեի աչքերով։ Ման է գալիս արձակ-համարձակ և կուրծքը միշտ դուրս գցած։ Չգիտեմ ինչու, նրա տեսքն ինձ միշտ հիշեցնում է լեռնային գյուղ, բարձր սարեր, նեղ արահետներ, որ ձգվում են անտառի միջով, վիթխարի ժայռեր, որոնց տակ փրփրած աղմկում է սարից իջնող վտակը։ Եվ, դարձյալ չգիտեմ ինչո՛ւ, իմ երևակայությունը սիրում է պատկերացնել նրան այս վայրի բնության մեջ։ Դա նրանից է երևի, որ նրա աչքերն այնպես նման են բազեի աչքերի, իսկ լանջը հպարտ է, ինչպես լեռան աղջկա կուրծք։ Կի՞ն է, թե աղջիկ՝ չգիտեմ, բայց զարմանալի շարժուն է, ինչպես սնդիկ, և կայտառ, ինչպես սարյակ։ Ձմեռ թե ամառ նա անդադար երթևեկում է բոբիկ ոտներով և ինչ-որ ճռվողում անցորդներին՝ թևերը շարունակ շարժելով։

Փողոցը, որի վրա բացվում է իմ լուսամուտը, բավական բանուկ փողոց է։ Մի քաղաքամասից մյուսն անցնելու համար դա ամենակարճ և ամենահարմար ճանապարհն է. ուստի և այնտեղից անցնում են ամեն տեսակ մարդիկ, և շատ հարուստներ։ Իմ փողոցի վրա փայտե ոտով ծերունին բռնում է հարավային մայթը, իսկ ջահել կինը՝ հյուսիսային։ Յուրաքանչյուրն իր մայթին նայում է իբրև սեփականության վոա, ուր անցորդները շահատու կամ անշահ հաճախորդներ են։ Ծերունին մուրում է շատ ժամանակ նստած, իսկ ջահել կինն անընդհատ երթևեկում է իր մայթի երկարությամբ և հաճախ օրհնանքի ու խնդրանքի խոսքերով, ձեռն անցորդներին պարզած, հետևում է նրանց մինչև փողոցի անկյունը։ Եվ, որքան նկատել եմ, ամեն անգամ բան չի ստանում։ Այդպես չէ, սակայն, ծերուկը։ Նա կանգնած ժամանակ անգամ տեղից չի շարժվում, սպասում է խեղճ՝ մինչև որ անցորդը մոտենա։ Եվ երբ մոտենում է մեկը — նրա ցամաք շուրթերը քրթմնջում են ինչ-որ... Ու ինձ թվում է նա տեղից չի շարժվում նրա համար, որովհետև մտածում է (երևի երկար տարիների փորձ է), որ եթե մեկը ողորմություն տալու լինի — կտա՛ առանց այլևայլի, իսկ եթե ո՛չ— որքա՛ն կուզես ետևից վազիր... Երևի այսպես է մտածում նա... Բայց թվում է, որ ծերուկը տեղից չի շարժվում ավելի շուտ իր փայտե ոտքի պատճառով։ Չէ՞ որ այնպես դժվար է փայտե ոտքով ու հենակով քայլել նեղ մայթի վրա։ Բացի դրանից, նրան հավանորեն ախորժելի չէ իր փայտե ոտքի թխկոցը՝ թը՜խկ-դրը՜խկ, թը՜խկ-դրը՜խկ... Այսպես է թվում ինձ։ Եթե նրա ոտքն առողջ լիներ, գուցե ջահել կնոջ նման նա էլ հետևեր անցորդներին։ Բայց քանի որ այդ չի կարող, դրանից է երևի, որ միշտ նախանձով ու ատելությամբ է նայում երիտասարդ կնոջ կողմը, իսկ կինն, իր հերթին՝ բազեական աչքերից շարունակ զզվանք ու արհամարհանք է թափում նրա գլխին։

Ես այս շատ լավ եմ նկատում, որովհետև շատ ժամանակ նրանք կանգնում են իմ լուսամատի մոտերքը։ Որքան էլ կարճատես, նկատում եմ, այնուամենայնիվ, թե ինչպես ոտաբոբիկ կինը քիթ է վեր քաշում ծերուկի վրա, և ես նրանց նայվածքներից հասկանում եմ, թե ի՛նչ են ուզում ասել իրարու։ Ծերունու նայվածքն ասում է.

— Աներես, անզգամ, չես էլ կորչում այստեղից։

Կնոջ նայվածքը պատասխանում է.

— Ի՜, հողեմ պառավ գլուխդ, չես էլ սատկում։

Բանը, սակայն, միայն նայվածքներով չի վերջանում։ Ջահել կինն իր վարմունքներով երբեմն սաստիկ վրդովում է ծերունուն, որովհետև օրը մի կամ երկու անգամ իր մայթից անցնում է ծերունու մայթը։ Նա այդ անում է այն ժամանակ, երբ նկատում է, որ նրա մայթով գալիս է հարուստ մի անցորդ։ Տեսնելով կինն անցավ իր մայթը և պատրաստվում է արդեն ձեռ մեկնել եկողին, ծերուկն անմիջապես վեր է թռչում տեղից, հենակը դնում կռան տակ և ոտքը թրխկացնելով շտապում դեպի կինը։ Հասնելով՝ զայրագնած հրում է նրան մայթից և քրթմնջում ինչ-որ։ Նա, հավանորեն, հայհոյում է հակառակորդին, որովհետև այդպիսի դեպքերում կինը գազազած ետ է դառնում և բռունցք թափ տալիս։ Այդ ժամանակ ծերանին ատամները սեղմած՝ գլուխը շարժում է սպառնալից կամ հենակը թևատակից հանելով՝ սպառնում նրանով հակառակորդին։ Եվ ջահել կինը չանչելով ու փնթփնթոցով հեռանում է նրանից։ Բայց պատահում է երբեմն, որ նրանք հեշտությամբ չեն հեռանում իրարուց։ Կինը զայրացած՝ բռունցքը մոտեցնում է ծերունու դեմքին, իսկ ծերուկը, հենակը պատրաստ, աշխատում է խփել նրան։ Ու սկսվում է կռիվը։ Կինը ճարպկորեն բռնում Է ծերունու սպիտակ, խճճված միրուքը, ծերուկը, բերանը լայն բացած, ջանում է կծել հանդուգն կնոջ ձեռքերը, ուսերը և անգամ դեմքը։ Քաշքշոցը շարունակվում է այնքան, մինչև որ երևում է մի նոր անցորդ... Այս բանը կրկնվում է գրեթե ամեն օր, ու ամեն անգամ իրարից բաժանվում են զայրացած մռմռոցով ու փնթփնթոցով։ Կինն ասում է չանչելով, այսինքն՝ ինձ թվում է, որ նա ասում է.

— Հողեմ գլուխդ, չե՛ս էլ սատկում...

Իսկ ծերուկի դեմքն արտահայտում է.

— Լի՜րբ, անզգամ, ի՞նչ գործ ունես իմ մայթի վրա։ Կանգնիր քու կողմը...

Այսպիսի խոսքեր ես լսում եմ երբեմն, որովհետև նրանց կռիվը երբեմն էլ կատարվում է իմ լուսամուտի առջև։

Երկու օր առաջ նրանք դարձյալ կռվեցին։ Եվ այդ կռիվը ես լավ տեսա, որովհետև այդ ժամանակ լուսամուտին հակած նայում էի փողոցին, ուր ձյունն իջնում էր սղոցի թեփի նման կարծր հատիկներով։ Օդը ցուրտ էր, մարդիկ ման էին գալիս կրկնակոշիկներով ու օձիքները բարձրացրած։ Ծերանին, հենափայտը պատին հենած, նստել էր մայթին իջնող ձյան տակ և մեկ-մեկ մաքրում էր միրուքին թափվող ձյունահատիկները, իսկ ջահել կինը, ձեռները տրորելով, բոբիկ գնում–գալիս էր շարունակ, որ չմրսի։ Հանկարծ ծերունու մայթին երևաց փարթամ հագնված մի պարոն՝ օրիորդի հետ թևանցուկ։ Նրանք ծիծաղում էին ամբողջ երեսով, ևնրանց ուրախ տրամադրությունից երևում էր, որ առատաձեռն պիտի լինեն։ Երևի այդպես էլ ենթադրեցին մուրացկանները, որ իրենց ակնկալող նայվածքներն ուղղեցին նրանց։ Զույգին տեսնելուն պես ծերուկն շտապեց ելնել տեղից, հավանորեն առաջ գնալու— գոնե մի երկու քայլ։ Բայց մինչ կբարձրանար տեղից, ջահել կինն արագ՝ այծյամի նման անցավ նրա մայթը և ձեռ մեկնեց եկողներին։ Ենթադրությունը սխալ չէր, ուրախ պարոնն իրոք առատաձեռն եղավ, նա կանգ առավ, հանեց նախ սպիտակ ձեոնոցը, ապա դրամաքսակը գրպանից ու արծաթե մի դրամ մեկնեց ջահել կնոջ։ Իսկ ծերունու մոտով անցավ առանց նրան նայելու... Այս բանը սաստիկ վրդովեց ծերունուն։ Հազիվ երկու քայլ էր արել նա, երբ այս բոլորը կատարվեց. բայց և այնպես նա կես ճանապարհին կանգ չառավ, հենակը սեղմեց թևի տակ և— թը՜րխկ-թը՜րխկ — անսպասելի արագությամբ սլացավ դեպի հակառակորդը։

— Լի՜րբ,— գոռաց նա ատամները սեղմած,— Տո՛ւր էդ, թե չէ...

Կինն արհամարհանքով ծիծաղեց.

— Հա՜-հա՜-հա՜...

— Տուր, ասում եմ,— գոռաց նորից կաղլիկը, ավելի մոտենալով։— Տո՛ւր...

Նրա աչքերը ցայտում էին ատելություն ու զզվանք։ Բարկությունից բեղերի ու հոնքերի մազերը ցցվել էին փշերի պես։ Բայց ջահել կինն, ըստ երևույթին, չէր վախենում նրանից և, կուրծքն էլ ավելի դուրս գցած, նայում էր նրան սովորական արհամարհանքով։

— Տո՛ւր, ասում եմ,— պահանջում էր ծերուկը, քայլ առ քայլ սպառնալից դեպի կինը գնալով։— Տո՛ւր...— Նրա պահանջն այնքան հրամայական էր ու համառ, որ կինն էլի ծիծաղեց նրա ավելորդ եռանդի վրա։ Ծիծաղելով՝ նա արհամարհանքով նայում էր ծերուկին ոտից-գլուխ, հեգնելով կարծես նրա անզորությունը, փայտե ոտքը, մաշված հենակը, որ դողդողում էր նրա թևի տակ։ Այդ նայվածքն ու ծիծաղն այնքան վիրավորական ու ոչնչացնող էին, որ ծերուկն այլևս չհամբերեց։

— Լի՛րբ,— գոռաց դարձյալ, հենակը բարձրացնելով։— Քեզ ասում եմ՝ տո՛ւր, անզգամ...— Ու փորձեց խփել նրան, բայց կինն արագ բռնեց նրա հենափայտը և սկսեց քաշել դեպի իրեն։ Ու երկար քաշքշուկից հետո՝ հանկարծ հենակը խլեց ծերուկից։ Բայց կաղլիկն անմիջապես թափով բռնեց նրա թևը և, երևի, սաստիկ սեղմեց, որ ջահել կինն իսկույն ձեռը գցեց նրա միրուքը... Ու մի քանի րոպե նրանք կռվում էին այսպես, կինը ձգում էր ծերունու միրուքը, իսկ ծերուկը, հազիվ կանգնելով փայտե ոտքի վրա, բերանը լայն բացած, աշխատում էր կծոտել կնոջ ձեռները, ուսերը, անգամ դեմքը։

Կռիվը, գուցե, երկար տևեր, եթե չպատահեր այն, ինչից այնպես դողում էր ծերուկը։ Հենակից զրկված նա հանկարծ ծանր կոճղի պես, ահագին աղմուկով ընկավ աջ կողքին, այսինքն փայտե ոտքի վրա, ու գլորվեց մայթն ի վայր։ Այդ տեսնելով՝ կինը ձեռի հենակն անմիջապես գցեց գետին ու անցավ իր մայթը՝ նույն հաղթական քայլերով, կուրծքն էլի դուրս գցած։

Ծերուկը, հավանորեն, սաստիկ ցավ զգաց. նա մի քանի րոպե չշարժվեց տեղից, իսկ երբ ուղղվեց-նստեց՝ սարսափելի գունատություն կար դեմքին։ Չնայած դրան, նա, այնուամենայնիվ, նստած տեղից սկսեց մեկը մյուսի ետևից քարեր նետել դեպի հակառակորդը... Բայց կինն այլևս չէր նայում նրան, որովհետև մի նոր զույգ էր գալիս իր մայթից։

Հետևյալ օրը ծերուկը չեկավ փողոց։

Նա չեկավ և մյուս օրը։

Եվ մի ամբողջ շաբաթ չերևաց։

Ո՞րտեղ է արդյոք,— հարցնում եմ ինքս ինձ ամեն անգամ, երբ լուսամուտից նայում եմ փողոց։ Ու որոշում եմ իմանալ ծերունու ո՛ւր լինելը։ Սակայն անցնում են օրեր, շաբաթներ — ծերուկը չկա, և ես չեմ կարողանում իմանալ նրա ո՛ւր լինելը։ Եվ մի օր ահա, վերջապես, մոտենում եմ ոտաբոբիկ ջահել կնոջն ու ասում՝ «ո՞ւր է այն ծերունին»։ Նա իմ հարցից ոչինչ չի հասկանում։

Ես բացատրում եմ.

— Այն ծերունին, որ փայտե ոտք ուներ և քեզ հետ ողորմություն էր հավաքում այստեղ։

— Ա՜,— բացականչում է անտարբեր ջահել կինը։— Նա մեռել ա վաղուց...

Ու, խոսքը չավարտած, շտապում է մայթն ի վեր, ուսկից գալիս է մի նոր անցորդ։

Հիմա ջահել կինը մենակ է. նա տիրում է երկու մայթին էլ, այժմ մեկից մյուսին անցնելիս՝ նա իրեն ավելի ուրախ, կայտառ ու հաղթական է զգում, քան առաջ։

1914


Օրիորդ Մարիամը

Ընկերուհիները զրուցելով կեսգիշերին վերադառնամ էին տուն։ Նրանք հենց նոր դուրս եկան պարահանդեսից և այժմ, լուռ փողոցով անցնելով, խոսում էին այդ մասին։

— Ինչ ուզում ես, ասա,— ասում էր Շուշանը, որ նիհար, բարձրահասակ մի օրիորդ էր՝ թռչունի քթով և մանկաբարձուհու տեսքով,— ես շատ հավանեցի այն պարոնի պարը, որ ոտքերը խփում էր իրար և ձեռքերը մեջքին դնելով այսպես էր անում...

Այս ասելով՝ օրիորդ Շուշանը ձեռքերը կանթեց մեջքին և իրանը շարժեց։

— Էհ, թող, ի սեր աստծո,— նկատեց ընկերուհին՝ օրիորդ Մարիամը, որ ավելի կարճ և ավելի տարիքով էր Շուշանից,— դու պարի մասին սկի՛ գաղափար չունես։

— Թող այդպես լինի, բայց իմացիր, որ նա շատ լավ էր պարում,— շարունակեց Շուշանը և, օձից խայթված կամ դրամաքսակը կորցրած մարդու պես, հանկարծ ցնցվեց ու թողեց ընկերուհու թևը։

— Ի՞նչ պատահեց,— հարցրեց Մարիամը, նրան նայելով։

— Քիչ մնաց մոռանայի,–խոսեց Շուշանը, նորից ընկերուհու թևը բռնելով։

— Ի՞նչը։

— Լսիր՝ ասեմ։ Էն բարձրահասակ պարոնին տեսա՞ր, որ մեր ետևը կանգնած էր...

— Որի՞ն։

— Էն որ իծի մորուք ուներ։

— Հա՛, ի՞նչ կա որ... Նա առաջ մեր բակումն էր ապրում։ Ճանաչում եմ...

— Հենց էդ պարոնը վաղը կամ մյուս օրը քեզ առաջարկություն է անելու,— ասաց Շուշանը լուրջ դեմքով։

— Էհ, թող, ի սեր աստծո,— նեղացավ Մարիամը,— հանաքների ժամանակ չէ։

— Հավատացնում եմ, Մարիամ, ես իմ ականջով լսեցի, թե ինչպես նա՝ իրեն մոտ կանգնած կնոջ հետ խոսում էր քո մասին, մի քանի անգամ նույնիսկ մատով ցույց տվին քեզ։

— Թո՛ղ կատակներդ։

— Անկեղծ եմ ասում, Մարիամ, նրանք քո մասին էին խոսում, և մինչև անգամ նկատեցի, որ այն պարոնը կարծես սիրահարված լիներ քեզ վրա, այնպե՜ս էր նայում...

— Վերջապես, թո՛ղ հիմարություններդ,— հուզվեց Մարիամը և, ձեռքը խլելով ընկերուհուց, նեղացած առաջ քայլեց։

— Լսի՛ր, Մարիամ,— ասաց Շուշանը հասնելով և բռնելով ընկերուհու թևը.— ուրեմն չե՞ս հավատում, որ ճիշտ եմ ասում։ Մորս գերեզմանը վկա, սուտ չեմ ասում... Հիմա հավատո՞ւմ ես։

Օրիորդ Մարիամն այլևս չէր կարող չհավատալ, որովհետև գիտեր, որ ընկերուհին սուտ տեղը չի երդվի մոր գերեզմանով։— Ուրեմն մի բան կա, մտածեց նա և, հետաքրքրությունը թաքցնելով, ասաց.

— Չեմ հավատում։

— Ազնիվ խոսք։ Ես իմ ականջով լսեցի։

— Ի՞նչ։

— Այն, որ էն պարոնի մոտ կանգնած կինն ասաց. «Գնա՝ ու առաջարկիր, ամոթ բա՛ն չի»։ Մի քիչ հետո էլ, քեզ նայելով՝ շարունակեց. «Լավ, բարի օրիորդ է երևում։ Վաղը կամ մյուս օրը գնա»։ Իսկ էն պարոնն ասում էր. «Թեև օրիորդը ինձ ծանոթ է, բայց վախենում եմ մերժի»։ «Չի մերժի,— ասաց կինը.— թեկուզ մերժի էլ, հո քեզ չի ուտի»։ Էսքանը լսեցի, իսկ էսքանը քիչ բան է՜...

— Հետո էլ ի՞նչ ասին,— հետաքրքրվեց Մարիամը։

— Հետո էլի խոսեցին, որ լավ չլսեցի, բայց լավ նկատում էի, թե ինչպես նայում էին քեզ և, կարծես, ուզում էին մոտենալ բան ասելու, մարդիկ խանգարեցին...

Օրիորդ Մարիամը, որ սկզբում չէր ուզում լսել ընկերուհուն, այժմ, նրա երդումից հետո, նրա յուրաքանչյուր խոսքին առանձին նշանակություն էր տալիս և ամեն մի խոսքի մեջ աշխատում էր խոր իմաստ գտնել։ Եվ նա, որ արդեն երեսունմեկ տարեկան էր և դադարել էր ամուսնության մասին մտածելուց, մանավանդ որ արդեն համոզված էր, թե ինքն այլևս ոչ թարմություն ունի, ո՛չ գեղեցկություն, ընկերուհու հայտնությունից հետո զգաց, թե ինչ-որ մի հաճելի բան շարժվեց կրծքի տակ. կարծես մի ջերմ ձեռք շոշափեց նրա սիրտը, և նա մտածեց ամուսնության մասին.— գուցե դեռ ամեն ինչ կորած չէ...

Ընկերուհուց բաժանվելով՝ շտապեց տուն, իսկ երբ մտավ իր սենյակը, նա առանց լամպը վառելու, խավարի մեջ նստեց անկողնի վրա և տարվեց մտածումներով։

Հարևան բնակարաններից ձայն չէր լսվում։ Բոլորը քնած էին. կողքի սենյակում հանգստանում էր նրա կարի մեքենան և մեծ ու երկար սեղանը, որի վրա աշխատում էին նրա աշակերտուհիները։

Անկողնի վրա նստած՝ օրիորդ Մարիամը հիշեց այն հաշվապահ պարոնին, երբ նա իրենց բակումն էր ապրում, հիշեց նրա դիմագծերը, շարժումները, աշխատեց մտաբերել նրա այն հարգալից ժպիտները, երբ ամեն անգամ հանդիպելիս երևում էր նրա թուխ դեմքին։ Հիշեց և այն դեպքը, երբ մի անգամ նա բակի դուռը բաց արավ իր առջև։ Հիշեց և այն դեպքը, երբ իր ձեռնոցն ընկել էր և նա, իր ետևից գալու ժամանակ նկատելով վերցրել էր և տվել իրեն...

Հիշելով այս ամենը, Մարիամը մտածեց.

«Ուրեմն նա վաղուց է սիրում ինձ»։

Ու, գլուխն առնելով ափերի մեջ, մատները խրեց մազերը և նորից տարվեց հիշողություններով։

Այս անգամ մտաբերեց իր մանկությունը, երբ սովորում էր ծխական դպրոցում, երիտասարդոսթյունը, երբ աշակերտուհի էր դերձակուհու մոտ, մտաբերեց իր լվացարար մորը, այն չոր, կնճռոտ դեմքով պառավին, որ ամեն ինչից դժգոհ էր և միշտ անիծում ու ծեծում էր իրեն։

Մտաբերեց Մարիամն այս ամենը և նրա կրծքի տակ, այժմ ավելի մեծ չափով, շարժվեց ամեն ինչ, ինչպես սառույցը գարնանը, և նա արտասվեց, ու արտասվելով դարձյալ հիշեց հաշվապահին։

Եվ բավական ժամանակ այսպես լուռ, խավարի մեջ նստելուց հետո, նա վերջապես դանդաղորեն հանվելով մտավ անկողին և երկար ժամանակ չկարողացավ քնել։ Կրկին անգամ լաց եղավ բարձը գրկած ու կրկին անգամ հիշեց հաշվապահին։

Ահա թե ինչո՛ւ իրեն հանդիպելիս միշտ ժպտում էր նա,— մտածում էր օրիորդ Մարիամը։— Ուրեմն նրա մտքում բան կար, հապա ինչո՞ւ այդ բանը շուտ չէր հայտնում։ Երբ հաշվապահն ապրում էր իրենց բակում, միշտ մի տեսակ էր նայում իրեն, և նա այժմ է հա՛սկանում, թե ինչո՛ւ էր այդպես նայում...


Մյուս օրը Մարիամը զարթնեց մի այնպիսի տրամադրությամբ, որ երբեք չէր ունեցել, և փոխանակ ամենօրյա աշխատանքի շորերը հագնելու, հագավ տոնական երկնագույն զգեստները, մազերը հարդարեց հայելու առաջ և երկար ժամանակ դեմքը դիտելով, գտավ, որ ինքն այնքան էլ տգեղ չէ, ինչպես կարծում էր մինչ այժմ, ինչպես, գուցե, կարծում էին և ուրիշները...

Եվ, մազերն ուղղելուց հետո, ուրախ դեմքով դուրս եկավ պատշգամ։ Այրի տանտիրուհին նկատելով կենվորուհու ուրախ տրամադրությունն ու զարդարանքը, հարցրեց.

— Տե՞ղ ես գնում, օրիորդ։

— Ո՛չ,— պատասխանեց Մարիամը ժպտալով։

— Հապա ինչո՞ւ ես էդպես հագնվել։ Կարծեցի հարսանիք ես գնում։

— Հետո կասեմ,— ասաց օրիորդը խորհրդավոր և, մտնելով աշակերտուհիների մոտ, սիրալիր ժպտաց ամենքին, շոյեց մի քանիսի գլուխը, ապա նստելով նրանց քով՝ սեղանի մոտ, սկսեց կատակներ ու հանաքներ անել հետները։

Այդ անելով, միաժամանակ րոպե առ րոպե սպասում էր, որ ահա հաշվապահը կգա։ Նա չի կասկածում, համոզված է, որ կգա... Բայց ժամեր անցան, և հաշվապահը չերևաց։ Իսկ ճաշին, երբ աշակերտուհիները ցրվեցին իրենց տները, երբ օրիորդ Մարիամն սկսել էր կասկածել, հանկարծ երևաց հաշվապահը՝ փայտը ձեռքին, բեղերը սրած։ Նա հագնված էր մաքուր ու կոկ, ինչպես նորափեսա։

Օրիորդ Մարիամը, որ այդ ժամանակ պատշգամումն էր, հաշվապահին տեսնելով իսկույն ներս մտավ, սրտի թրթռումով կանգնեց հայելու աոաջ և գողացող ձեռներով սկսեց շորերն ու մազերը կարգի բերել։ Նա ներս մտավ, որ ցույց տա, թե զբաղված էր և չէր սպասում հաշվապահին։

Չանցավ մի րոպե՝ այրի տանտիրուհին հայտնեց այցելուի մասին։

Օրիորդը հաշվապահին ընդունեց իր համեստ ընդունարանում և, սաստիկ հուզումից կարմրելով, առաջարկեց նստել։

— Խնդրեմ,— ասաց նա սենյակի մի հատիկ բազկաթոռը ցույց տալով։

Հաշվապահը նստեց։ Իսկ օրիորդը տեղավորվեց գահավորակի վրա։ Նրա սիրտը փոքրիկ մուրճի պես խփում էր կրծքին, որի զարկից նրա երակները դողում էին ցնցվելով։

— Էհ, ինչպե՞ս եք, օրիորդ,— սկսեց հաշվապահը առ վայրկյան լռությունից հետո, երկու ձեռքով մազերն ուղղելով։— Գիտեք, երբ մտա այս բակը, իսկույն հիշեցի այստեղ անցրած կյանքս և բոլոր կենվորներին։ Հիշո՞ւմ եք, օրիորդ, երբ ապրում էի դիմացի սենյակում...

— Այո՛, ինչպես չէ,— ասաց օրիորդ Մարիամը կարմրելով և զգալով, որ ահա սկսվում է անսպասելին։

— Բացի ձեզանից, օրիորդ,— շարունակեց հաշվապահը,– առաջվա կենվորներից այստեղ կա՞ն, թե՞ տեղափոխվել են։

— Մի քանիսն այստեղ են...

— Արդյո՞ք այստեղ է այն ռուսը, որ ամեն օր ծեծում էր կնոջը և գիշերները երգ ասելով լաց լինում։

— Ո՛չ, նա մեռավ։

— Խե՜ղճ։ Իսկ այստե՞ղ է այն հայը, որ միշտ Ավետարանից և Քրիստոսից էր խոսում։ «Ավետարանում գրված չի,— ասում էր.— Հիսուսը չի ասել»...

— Ո՛չ, նա այստեղ չէ,— պատասխանեց օրիորդը։— Բայց իմացա՞ք, որ մեր տանտերը ինքնասպանություն գործեց։

— Ո՛չ, ինչի՞ համար,— հետաքրքրվեց հաշվապահով։

Օրիորդը վարանեց իսկույն պատասխանել։

— Չգիտեմ. ասում են կնոջ պատճառով։

–Աա՜,— արտասանեց հաշվապահը մտածկոտ և լռեց, ասես ինչ-որ մի բան հիշելու համար։ Նրա լռությունից օգտըվելով՝ օրիորդ Մարիամը, «ներողություն» ասելով, դուրս գնաց թեյ պատվիրելու, և կրկին ներս գալով նստեց առաջվա տեղը։ Նրա սիրտն այժմ ավելի ուժեղ էր բաբախում, կարծես նոր լարված մի խանգարված ժամացույց կար կրծքի տակ, որ գործում էր արագ-արագ ու անհամաչափ։

— Էհ, ուրիշ ինչ եք անում, օրիորդ,— շարունակեց հաշվապահը ծիծաղկոտ աչքերով նայելով նրան։

— Ոչինչ,— ասաց օրիորդը ժպտերես, բայց փոքր-ինչ ամաչելով։

— Իսկ ես ահա թե ինչ եմ մտածել, օրիորդ... Կարո՞ղ եք երևակայել ինչ։

— Ոչ...— հազիվ արտասանեց օրիորդն ամոթխած, բայց լավ զգաց, թե բանն ինչումն է։

— Ես, գիտեք, օրիորդ,— սկսեց հաշվապահը։— Դեհ, ասենք այդ ամենի հետ էլ պատահում է, մեր օրերում նույնիսկ ծերերն էլ ետ չեն մնում այդ բանից, այնպես որ դա ամոթ բան չպետք է համարվի և... կարիք չկա մութ խոսքերի դիմելու...

Այս խոսքերի վրա հաշվապահը մատները շարժեց մտացրիվ, իսկ օրիորդ Մարիամը ամոթխածությունից գլուխն իջեցրեց, նա շնչասպառ սպասում էր հաշվապահի խոսքերին։

Բայց հենց այդ ժամանակ փոքրիկ աղախինը մատուցարանով երկու բաժակ թեյ բերեց պաքսիմաթով ափսեի հետև իսկույն դուրս գնաց։ Նրանք սկսեցին թեյել։ Մի քանի րոպե լռելուց հետո, նախկին կենվորներին հիշելով, վերջացրին թեյը, որից հետո հաշվապահը շարունակեց առաջվան եղանակով։

— Գիտեք, օրիորդ, ինչի՛ եմ եկել ձեզ մոտ... Չգիտեմ, ձեզ հայտնի է, թե ոչ, բայց կարծում եմ, հայտնի պիտի լինի, որ ես չունեմ ո՛չ հայր, ո՛չ մայր, ո՛չ մտերիմ ծանոթ բարեկամ, որոնց դիմեի իմ խնդիրքով, իմ սրտի ուզածն ասելու…

Օրիորդ Մարիամը աչքի տակով նայեց հաշվապահին և նրա սիրտը լցվեց տագնապով ու հուզումով։

— Եվ որովհետև ոչ ոք չունեմ, օրիորդ,— շարունակեց հաշվապահը,— ես ինքս եմ... Այսինքն, դա իհարկե, ամոթ բան չէ. բայց և այնպես...

Հաշվապահը նորից շարժեց մատները, կարծես չվստահելով միտքը հայտնել։ Իսկ օրիորդ Մարիամը կարմրեց պուտի պես։ Մի հաճելի քաղցր արբեցում պաշարել էր նրան, և նա, շունչը պահած, սպասում էր հաշվապահի վերջին խոսքին։

Դուք ինքներդ գիտեք, օրիորդ, որ ամուսնությունը շատ վաղուց ընդունված մի բան է. ասենք կան մարդիկ, որ սկի չեն ամուսնանում, բայց նրանք ինչի՞ են նման, ամեն մեկը մի չոր փայտի։ Ուրիշ բան է, իհարկե, ամուսնացող մարդը։ Ընտանիքը մի առանձին քաղցրության ունի։ Եթե մենակ ապրվեր, աստված Եվային չէր ստեղծի... Ինչպես տեսնում եք, օրիորդ, աստված ինքն է սահմանել ամուսնությունը, այնպես որ այդ բանը ամոթ չի համարվում։

Օրիորդ Մարիամը չէր վստահանում որևէ խոսք ասել, նրան հաճելի էր լսել այդ ամենը, և լսելով մի տեսակ սփոփանք էր զգում։

— Ամուսնությունը, օրիորդ, որ կա, մի սուրբ բան է,— շարունակեց հաշվապահը նայելով օրիորդի կարմրած դեմքին։— Ամուսնությունը եթե չլինի՝ մարդիկ էլ չեն լինի։ Ես շատ եմ մտածել, որ եթե մարդիկ չամուսնանային, աշխարհը ինչի՞ նման կլիներ, երեխեք որտեղի՞ց կլինեին... Այնպես որ, օրիորդ, շատ մտածելուց հետո, որոշել եմ ամուսնանալ...

Օրիորդ Մարիամի սրտի զարկերն ավելացան և նրա ողջ մարմնով մի հաճելի սարսուռ անցավ։ Նա, ամոթից կարմրելով, աչքերը հառեց հատակին և սպասեց հաշվապահի առաջարկության խոսքին։

Հաշվապահը լռեց մի փոքր, ըստ երևույթին տատանվում էր ինչպես արտահայտի միտքը կամ ինչպես սկսի։

— Եվ այժմ, օրիորդ,— ասաց նա վերջապես,— եկել եմ ձեզ մոտ, եկել եմ վստահությամբ և հույս ունեմ, որ...

Այս անգամ օրիորդ Մարիամը գլուխն ավելի իջեցրեց, նստած տեղը կուչ եկավ և, սրտի բաբախումը զսպելու համար, ձեռը դրեց կրծքին։

—... Հույս ունեմ, որ խնդիրս չեք մերժի։ Ես, օրիորդ, եկել եմ խնդրելու, որ դուք... բարի լինեք իմ կողմից... առաջարկություն անել ձեր ընկերուհի Հայկանուշ Իգիթյանին և նրա ծնողներին...

— Օրիորդ Մարիամին թվաց, թե երկրաշարժ եղավ, որի հետևանքով սենյակը իր կարասիներով սկսեց շարժվել։ Ինչո՞ւ այսպես մթնեց։

— Այս ասում եմ ձեզ, օրիորդ, նրա համար,— առաջ տարավ իր խոսքը հաշվապահը,— որովհետև դուք մոտ ծանոթ եք թե՛ օրիորդ Հայկանուշին և թե նրա ծնողներին... Ես, օրիորդ...

Հաշվապահը դարձյալ ինչ-որ ուզում էր ասել, բայց, նայելով օրիորդին և նկատելով նրա այլայլումը, լռեց իսկույն։

Այս դեպքից հետո օրիորդ Մարիամը մի շաբաթ հիվանդացավ, իսկ հաշվապահն սկսեց ուրիշ միջնորդ որոնել։

1914


Կամաց խոսեք...

Հենց իր անվանակոչության օրը ս. Գևորգ եկեղեցու երեսփոխ, ծխական դպրոցի հոգաբարձու, Մարդասիրական ընկ. անդամ, քաղաքային դումայի իրավասու, սանիտարական հանձնաժողովի նախագահ և տնատեր ու պատվավոր քաղաքացի Դավիթ Դանիելյանի ատամները ցավում էին սաստիկ։

Ցավն սկսել էր դեռ նախընթաց օրը, բայց այդ առավոտ ավելի սաստկացավ, այնպես որ նա չկարողացավ ոչ ոքի ընդունել։ Տեսնելով ցավը շատ է նեղում, կինը խորհուրդ տվեց գնալ ատամնաբույժի մոտ, բայց Դանիելյանը, որ ատում էր առհասարակ ատամնաբույժներին, չուզեց գնալ, որովհետև մի անգամ նրա ցավող ատամի տեղ հանել էին առողջը։

— Համենայն դեպս, գնա՛,— առաջարկում էր կինը,— գուցե մի դեղ տան։

— Չեմ գնա,— ասում էր Դանիելյանը ներքին ծնոտը բռնած անցուդարձ անելով,— չե՛մ գնա, կարող ես ինքդ մի բան արա... O՛խ-օխ-օ՜խ... սպանեց, Մարիամ, սպանեց...

Այդ տեսնելով՝ տիկին Մարիամն սկսեց գործադրել իր գիտցած միջոցները։ Ամենից առաջ սոխ խորովեց և ամուսնու ատամների վրա դրեց, հետո աղի ջրով բերանը ողողել տվեց, վերջը մի մեծ մախաթ դրեց կրակը և նրանով ատամները դաղեց, բայց ցավը չանցավ ամենևին. ինչ-որ մի անհայտ ձեռք, ասես շիկացած ասեղներով, ծակծկում էր պարոն Դանիելյանի ներքին ծնոտը։

Եվ պարոն Դանիելյանը, ցավից գլուխը բռնած, մերթ անհանգիստ անցուդարձ էր անում, մերթ պառկում բազմոցի վրա և միառժամանակ լուռ նիրհում։

Տիկին Մարիամը, ձեռները կրծքին դրած, հուղարկավորի դեմքով նայում էր ամուսնուն և վշտանում, որ ոչն֊չով չի կարողանում օգնել։

— Սպանե՛ց, Մարիամ, սպանե՛ց,— կրկնում էր Դանիելյանը ծնոտը սեղմելով։— Այն ո՞վ է, Մարիամ, այնպես բարձր խոսում։ Ի սեր աստծո, ասա՝ լռեն, իմ դրությունը չե՞ն տեսնում...

Ամուսնու խոսքերի վրա տիկին Մարիամն անցավ մյուս սենյակը և սաստեց այնտեղ գտնվող իր երկու աղջիկներին։

— Կամա՛ց խոսեք, չեք տեսնում՝ հայրիկի ատամները ցավում են,— ասաց նա այնպիսի ձայնով, կարծես տանը ննջեցյալ լիներ։

Աղջիկները մեղավորի պես լռեցին, և այնուհետև եթե նրանցից մեկը կամ մյուսը, մոր պատվերը մոռացած, ուզում էր բարձր խոսել կամ բերանը բանում էր ծիծաղի, մյուսը սաստում էր իսկույն.

— Կամա՛ց... հայրիկի ատամները ցավում են...

Կեսօրին Դանիելյանին այցելության եկավ Տեր-Հովսեփ քահանան և, տեսնելով իր սիրելի երեսփոխի դրությունը, խորհուրդ տվեց՝ աղով շաղախած մոխիր դնել ատամների վրա։

— Իսկույն կանցնի,— ասավ,— անձամբ փորձել եմ, ինձ էլ պառավ աղախինս խորհուրդ տվեց։ Դա լավ միջոց է, կարգս վկա։ Փորձեցեք և կտեսնեք... Քահանայի գնալուց հետո կատարեցին և այդ խորհուրդը, բայց ցավը չմեղմացավ անգամ, առաջվա պես ներքին ծնոտը, ասես, ուզում էր պոկվել տեղից։

— Սպանե՛ց, Մարիամ, սպանե՛ց,— ասում էր Դանիելյանը գլուխը տարուբերելով։— Այն ի՜նչ աղմուկ է բակում, Մարիամ, ի սեր աստծո, այն ի՜նչ աղմուկ է...

Տիկին Մարիամը ձեռները կրծքին, անձայն քայլերով դուրս եկավ տնից, սանդուղներով իջավ բակը և, հուղարկավորի նույն բեկված ձայնով, խնդրեց խաղացող դպրոցականներին աղմուկ չբարձրացնել։

— Այնպես, մի քիչ կամա՛ց խոսեք... Դավիթ քեռու ատամները ցավում են...

Երեխաները միառժամանակ խաղացին անձայն, բայց հետզհետե մոռանալով տանտիրուհու պատվերը, նորից աղմուկ բարձրացրին։ Այդ պատճառով տիկին Մարիամը կրկին իջավ բակը և նորից խնդրեց երեխաներին, որ «կամաց խոսեն», ապա մտավ դռնապան Սիմոնի խուցը և պատվիրեց, որ թույլ չտա երեխաներին աղմկելու։

— Թող մի քիչ այնպես կամաց, կամա՛ց խոսեն, պարոն Դավթի ատամները սաստիկ ցավում են...

* * *

Երեկոյան դեմ ցավն ավելի սաստկացավ, այնպես որ պարոն Դանիելյանը մի բաժակ թեյ անդամ չկարողացավ խմել։ Տեսնելով բոլոր միջոցներն ապարդյուն անցան նա հուսահատված սկսեց մտածել մահվան մասին և այն մասին, որ մարդիկ չեն կարողանում մի միջոց գտնել ատամի ցավի դեմ։

— Ես զարմանում եմ,— ասում էր նա կնոջը՝ գլուխը բռնած քայլելով,— այդ գիտնականները մի գլուխ անօգուտ ու անպետք բաներ են հնարում։ Ինչի են պետք, օրինակի համար, հեռախոսը, այերոպլանը, գրամաֆոնը... Մարդիկ առանց դրանց ապրել են, առանց դրանց կապրեն էլ... Նրանք այդ գիտնական կոչվածները մարդու ցավերի, մարդու առողջությանը հարկավոր բաների մասին չեն մտածում ամենևին. ո՜ւհ...

Խոսում էր պարոն Դանիելյանը և անցուդարձ անում սենյակում, իսկ տիկին Մարիամը ձեռները կրծքին, նույն հուղարկավորի դեմքով, լուռ լսում էր նրան և նիրհում թեթևակի։ Նա այնքան նիրհեց, որ հենց նստած տեղն էլ քնեց։ Որքան էր քնել՝ չգիտեր, մեկ էլ ականջն ընկավ մարդու ձայնը.

— Մարիամ, ա՛յ Մարիամ, այն ո՞վ է այնպես գոռում։ Ի սեր աստծո, գլուխս տրաքեց, մի տե՛ս...

Տիկին Մարիամը, երազի մեջ, աչքերը բաց արավ.. մի քանի անգամ հորանջեց ու ականջ դրավ։

Հարևան բնակարանում մեկը բարձր ու զիլ ձայնով երգում էր և շուտ-շուտ կրկնում. «Հիմի՞ էլ լռենք, եղբայրք»...

— Լռի՛ր, լռի՛ր,— ասաց Դանիելյանը ինքն իրեն, անցուդարձը շարունակելով։

— Երգողը դերասանն է,— ասավ տիկին Մարիամը, կրկին հորանջելով։

— Ով ուզում է լինի, ի սեր աստծո, գլուխս տրաքեց...

Տիկին Մարիամը մութ միջանցքով, ձեռները պատերին քսելով, մոտեցավ դերասանի բնակարանին և դուռը թակեց։

— Ո՞վ է, մտե՛ք,— լսվեց դերասանի բարիտոնը։

— Ես եմ, պարոն,— ասավ տիկին Մարիամը ողորմություն խնդրելու եղանակով։— Ես, Մարիա Բոգդանովնան։ Եթե կարելի է, պարոն մի քիչ կամա՛ց երգեցեք, պարոն Դավթի ատամները ցավում են...

* * *

Այսպես երեք օր ու երեք գիշեր շարունակվեց պարոն Դանիելյանի ատամների ցավը։ Եվ երեք օր ու երեք գիշեր թե՛ տանը, թե՛ բակում, թե՛ հարևան բնակարաններում լսվում էր տիկին Մարիամի շշունջը.

— Սը՜ս... կամա՛ց խոսեք, պարոն Դավթի ատամները ցավում են...

1915


Ճաշ

Ժամը չորսն է։

Սոլոլակ թաղը ճաշում է։

Օրվա այս պահին Թիֆլիսի այդ հարուստ թաղի արտաքին տեսքը խաղաղ է, ինչպես գյուղը հնձի ժամանակ։ Փողոցների և գրասենյակների ծանրախոհ կյանքն ու շարժումն անցել է սեղանատները, ուր, մարդկանց ձայներից բարձր հնչում է ափսեների, պատառաքաղների և դանակների զնգոց։ Սպասավորները մեկը մյուսի ետևից ել ու մուտ են անում խոհանոցից սեղանատուն, սեղանատնից խոհանոց։ Տիրում է մաքրություն, լիություն ու ձևականություն։ Մարդիկ ուտում են ծանր և խոսում անվրդով։

Տոհմական քաղաքացի այրիացած Լևոն Ազիզյանը նույնպես ճաշում է իր սեփական տան երկրորդ հարկում։ Ընդարձակ ճաշասենյակի երկար սեղանի մոտ, որի վրա կարող է ճաշել քսանից ավելի մարդ, նա նստած է մենակ՝ կուրծքը ծածկած սպիտակ անձեռոցիկով, որի մի տուտը խրել է օձիքի մեջ։ Նրա ետևը, աջ ոտի վրա հենված, կանգնած է նրա սպասավորը, մոտ քառասուն տարեկան, ճերմակ գոգնոցով մի մարդ, որ միաժամանակ կատարում է և՛ խոհարարի պաշտոն, և՛ դռնապանի գործ։

Պարոն Լևոնր, դանակն ու պատառաքաղը ձեռքին, դանդաղ ճաշում է և միևնույն ժամանակ խոսում սպասավորի հետ։ Զավակներ չունենալով և ծերության մոտեցող հասակում կնոջից զրկվելով, երկու տարի է ահա միշտ մենակ է ճաշում։ Բամբասանքից ու կողապուտից ազատ մնալու համար, նա երբեք ճաշի չի հրավիրում ազգականների ու ծանոթների, և ամեն օր ճաշն սկսում ու վերջացնում է սպասավորի հետ խոսելով։

— Գրիգոր, որտեղի՞ց ես առնում այս միսը,— դառնում է հանկարծ սպասավորին։

— Սալդաթսկի բազարից,— պաաաոխանում է սպասավորը թեքվելով և այնպիսի ձևով, կարծես տերը ծանր է լսում։

— Ումնի՞ց։

— Դարչոյից։

— Ո՞վ է այդ Դարչոն։

— Միս ծախող։

— Հը՜մ,— գլուխը կախելով շարունակում է ուտել պարոն Լևոնը։— Ոչինչ, միսը լա՛վ միս է, բայց մի քիչ յուղոտ է։

Սպասավորը զարմացած ուղղվում է կանգնած տեղը և նորից թեքվում դեպի տերը։

— Երեկ դուք ասիք, որ ժարկոյի համար յուղոտ միս առնեմ,— հիշեցնում է նա։

— Այո՛, ասացի՛, բայց ոչ այսքան յուղոտ։ Յուղոտ միսն այնքան էլ լավ չէ ժարկոյի համար։ Այս տեսակ միսը կարելի է գործածել չխրթմայի կամ սոուսի մեջ, բայց ոչ ժարկոյի, հասկանո՞ւմ ես, ո՛չ ժարկոյի։

Նա նորից շարունակում է ուտել։

— Մյուս անգամ էլ այսպիսի միս չառնես,— ասում է նա քիչ հետո.— Հանգուցյալն ամենևին չէր սիրում այսպիսի միս... Չե՞ս հիշում։ Ասում էր, որ այս տեսակ միսը վնաս է։ Եվ շատ ճիշտ էր ասում հանգուցյալը, երբ ժարկոյի միսը յուղոտ է լինում, մի տեսակ ծանր է մարսվում... Հասկանո՞ւմ ես։

Սպասավորն անշարժ կանգնած նայում է տիրոջ ալեխառն մազերով գլխին, շարժվող ծնոտներին և մտածում, որ հանգուցյալ տիրուհին, իրոք, միս քիչ էր սիրում։

— Հետո, Գրիգոր, գիտես ի՞նչ,— ձեռքը բարձրացնում է պարոն Լևոնը.— դու միսը շատ ես եփում, այնպես որ՝ գետնախնձորի պես փշրվում է... այնինչ այսպես չպետք է անել. պետք է եփել այնպես, որ մսի համը վրեն մնա... Մի անգամ կլուբում ժարկո եմ կերել՝ շա՛տ լավն էր. թերը, բանն այնպես տեղը, համով... հետն էլ մի երկու կտոր սերկևիլ...

Պարոն Լևոնը մի պատառ միս կտրելով սկսում է հանդարտ ծամել։

— Մեր կլուբի խոհարարն առհասարակ շատ ընտիր կերակուր է եփում,— շարունակում է նա,— և դա հասկանալի է, մարդը ռուս է, աշխարհ տեսած, հո մեր հայերի պես չի, որ գոմից դուրս են գալիս խոհարարություն անում... Դու չնեղանաս, Գրիգոր, ես քեզ չեմ ասում... Եթե ուզում ես, ես նրան կասեմ, որ մի քանի բան սովորեցնի քեզ։

Գրիգորը մի ոտից հենվում է մյուսին և կոկորդը մաքրում։

— Դուք էն օրն էլ խոստացաք, որ կասեք, բայց մոռանում եք,— նկատում է նա ժպտալով։

— Կասե՛մ, Գրիգոր, կասեմ,— հանգստացնում է պարոն Լևոնը սպասավորին։— Կասեմ, հենց վաղը կասեմ, բայց դու էլ յուղոտ միս չառնես...

Գրիգորը նորից նայում է տիրոջ գլխին, շարժվող ծնոտներին ու մտածում, որ տերը միշտ խոստանում է «վաղը», բայց միշտ էլ մոռանում է։ Նա նորից կոկորդը մաքրելով ուզում է մի բան ասել, բայց լռում է՝ տիրոջ ձեռքի շարժումը տեսնելով։

— Գրիգոր, մյուս անգամ այդ Դարչոյին ասա, որ ժարկոյի համար լավ միս տա, առանց ոսկորի... Իմ կողմից խնդրի թող սուկի տա...

— Սուկին ժարկո չի ըլի, պարոն,— ասում է Գրիգորն ամաչելով, որ նկատողություն է անտւմ տիրոջը։

— Ինչո՞ւ չի լինի,— զարմանում է պարոնը սպասավորի խոսքի վրա,— ընդհակառակը... կլուբում միշտ եփում են, շատ լավն է լինում...

Այս ասելով, նա ձեռքով նշան է անում, որ սպասավորը վերցնի ամանը։

— Սա վերցրու, կատլետը բեր տեսնենք,— ասում է նա, մեջքը աթոռի թիկունքին հենելով ու հառաչելով։— Եթե կատլետն էլ սրա պես լինի, Գրիգոր, նշանակում է՝ այսօրվա ճաշդ չավ չի...

Գրիգորը վերցնում է տիրոջ թերմացքը և գնում խոհանոց։ Մի քանի րոպեից նա վերադառնում է և կատլետը դնում տիրոջ առաջ ու երկյուղով մտածում, թե այս նոր բաժինը ինչպես դուր կգա։

Պարոն Լևոնը մի քանի րոպե լուռ ճաշում է։ Սպասավորը, նրա ետևը կանգնած, դարձյալ նայում է նրա թիկունքին, գլխին ու ծնոտներին, որոնց շարժումից շարժվում են և նրա ականջները։

— Գրիգոր։

— Հրամմե՛։

— Կատլետն այս ի՞նչ յուղով ես պատրաստում,– հարցնում է պարոն Լևոնը վշտալի դեմքով։

— Կովի յուղով...

— Կովի՞... բայց ինչո՞ւ այսպիսի համ է գալիս։ Կարծես երեք օրվա կերակուր լինի, այնպե՜ս ծանր է...

Սպասավորը գունատված նայում է տիրոջը և լռում։ Նա չի ուզում պատասխանել, որովհետև նրան թվում է, որ եթե պատասխանի, պարոնը նոր հարցեր է տալու, ուստի և լռում է։ Իսկ պարոն Լևոնը շարունակում է միառժամանակ հանդարտ ուտել։

— Գիտես ինչ, Գրիգոր,— ասում է նա քիչ հետո, գլուխը պնակից բարձրացնելով,— այսօրվա կատլետը այնքան էլ լավ չի, համ յուղն է կծված, համ էլ աղը շատ ես արել...

Գրիգորն զգուշությամբ հազում է։

— Էսօր՝ երեկվանից քիչ եմ աղ գցել,— ասում է նա ամբողջ իրանով առաջ թեքվելով։—- Երեկ որ ասիք աղի է, դրա համար էսօր աղը շատ քիչ եմ գցել։

— Ընդհակառակը,— ասում է պարոն Լևոնը,— քեզ միայն թվացել է, թե քիչ ես գցել, եթե քիչ գցած լինեիր, այսպես չէր լինի։— Նա սրտի խորքից հառաչում է։— Է՜, հանգուցյալի մահից հետո, դու կերակուրներն այնքան էլ լավ չես պատրաստում, Գրիգոր։ Երբ հանգուցյալը կենդանի էր, հսկում էր, խորհուրդներ էր տալիս, և դրա համար կերակուրներն այնպես լավ էին դուրս գալիս։ Իսկ հիմա.. (նա նորից հառաչում է)։ Ես ասել եմ, էլի կասեմ, Գրիգոր, որ հայ խոհարարը կարգին կերակուր եփել չգիտի... Հայը, իսկապես, պետք է մնա ռանչպար, և ոչ թե խոհարար դառնա... Հայը կարող է, ճիշտ է, առևտուր անել, միրգ ծախել, բայց խոհարարությունը նրա բանը չի. հայը քուֆթից բացի ուրիշ բան չի կարողանում եփել։ Իսկ խոհարարը, Գրիգոր, ամեն բան պետք է իմանա, ամե՛ն բան... Հասկանո՞ւմ ես... Խոհարարությունն էլ արհեստ է, ինչպես դերձակությունը, ինչպես ոսկերչությունը... Խոհարարը պետք է հասկացող լինի... Հասկանո՞ւմ ես...

Գրիգորի շրթունքները դողում են, հայտնի չէ՝ երկյուղի՞ց, թե հուզմունքից։

— Եթե չեք հավանում, պարոն,— ասում է նա կերկերուն ձայնով,— ես կերթամ, ուրիշին բռնեցեք... Հինգ տարի Միրզոևի տանն եմ եղել, միշտ գոհ են մնացել, հիմի...

— Ես հո քե՛զ չեմ ասում, հիմար,— խնդում է պարոն Լևոնը։— Ես ընդհանրապես եմ ասում, որ հայը խոհարարություն չգիտի, նա կարող է միայն լավ բանվոր լինել երկաթուղու վրա կամ ոտնաման սրբող փողոցներում, իսկ խոհարար կամ սպասավոր երբեք... (նա մի փոքր լռում է)։ Ա՛յ, դու էլ, ճիշտ է, խոհարարություն և սպասավորություն ես անում, բայց ձևը չգիտես, Գրիգոր... Չգիտես, օրինակ, թե որքան աղ պիտի գցել մի ֆունտ մսին, չգիտես, թե ինչ տեսակ յուղն է լավը, իսկ դա հասարակ բան չի... Եթե մի խորհուրդ տվող չլինի քեզ, դու միշտ կսխալվես, Գրիգոր... Ա՛յ, ինչ եմ ասել, ուրիշ բան են ռուսն ու վրացին։ Նրանք ստեղծված են հենց խոհարարության համար. մաքո՛ւր, ժի՛ր, հասկացո՛ղ...

Գրիգորի շրթունքները նորից դողում են։

— Եթե չեք հավանում, վրացի բռնեցեք,— ասում է նա այս անգամ հուզված, դողացող ձայնով,— ես կերթամ։

Ու, խոսքի կեսը բերանում, ուղղվում է դեպի դուռը։

— Սպասի՛ր, Գրիգոր, սպասի՛ր,— կանչում է պարոն Լևոնը։

Բայց Գրիգորը չի կանգնում։

— Դուք ամեն օր ինձ չեք հավանում,— շարունակում է նա՝ նեղացած դեպի դուռը գնալով,— ես կարող եմ գնալ, ուզում եք ռուս բռնեցեք, ուզում եք վրացի, միևնույն է... Ես կերթամ...

Սակայն չի գնում։ Վերջին խոսքերն արտասանելով՝ կանգնում է դռան մոտ անբավական ու դժգոհ դիրքով։

— Ի՜նչ հիմարություն,— ետ է դառնում պարոն Լևոնը.— ո՞ւր ես ուզում գնալ։

— Կերթամ ուրիշ տեղ։

— Ի՜նչ հիմարություն... Քեզ ի՞նչ են անում, ա՛յ տղա, որ այդպես նեղանում ես։

Գրիգորը հուզմունքից չի խոսում։

Պարոն Լևոնը շարունակում է.

— Որ ուզում եո զնալ, բա այս բաներն ո՞վ պիտի հավաքի,— ցույց է տալիս սեղանի երեսի ամանները,— ես հո չեմ կարող... Լա՜վ, ասենք, գնացիր, բա փողդ ի՞նչ ես անելու. ես հո քո փողապահը չեմ...

Այս խոսքերի վրա Գրիգորն առաջ է գալիս։ Նրա դեմքն արտահայտում է վախ ու անհանգստություն։ Նա մտածում Է, որ տարիներով հավաքած գումարը՝ հարյուր հիսուն մանեթ, որ պետք է կնոջն ուղարկի պարտքը տալու և մի կով առնելու համար, տիրոջ մոտ է, առանց այդ գումարն ստանալու ինչպե՞ս կարող է գնալ։ Առաջ գալով՝ կանգնում է սեղանի քով։

— Փողը տվեք, պարոն,— խնդրում է նա,— տվեք, ավելի լավ է գնամ...

— Դե լա՜վ, լա՜վ,— ասում է պարոն Լևոնը։– Հիմարություններ մի անի։ Արի սեղանը հավաքիր, հետո...

Գրիգորն անխոս հավաքում է սեղանի երեսը, ամանները տանում է խոհանոց, մրգերը դնում է պահարանը, սփռոցը թափ է տալիս պատշգամում, հետո գալիս կանգնում է տիրոջ առաջ, որ դրամն ստանա։— Ի՞նչ ես ուզում, Գրիգոր,— հարցնում է պարոն Լևոնը, ընդհատելով մտածմունքները հանգուցյալ կնոջ մասին։

— Փողը...

— Փո՜ղը... Փող հիմա որտեղի՞ց... Սպասիր, երբ կլինի, էն ժամանակ կտամ... Ի՛նչ, չլինի ուզում ես գնա՞լ իսկապես... Հիմար մի լինի,— խնդում է պարոն Լևոնը։— Ո՞ւր ես գնում, քո տեղը մարդ կա՞, որ գնում ես... Հիմար մի լինի։ Մի թեթև խոսքից ինչո՛ւ ես նեղանում... Արի՛ այստեղ, արի ավելի լավ է քեզ ասեմ, թե ինչ պետք է առնես էգուցվա ճաշի համար, արի։

Եվ պարոն Լևոնը բազմոցի վրա պառկելով՝ թելադրում է Գրիգորին, թե ինչ պետք է գնել վաղվա ճաշի համար։

— Կառնես իշխան,—ասում է նա ցուցամատը շարժելով,— տապակելիս վրան մի քանի ձու կկոտրես, բայց ձուն շատ չեփես։ Շատ եփելուց համը կկորչի... Իշխանից հետո՝ կառնես գառան միս կոտլետի համար, և տոլմացու։ Տոլմեն կեփես տերևով, բայց բրինձ քիչ կգցես... Հետո կառնես մի երկու ճուտ իրիկվա համար։ Կառնես կանաչի՝ թարխուն, բողկ... Եթե հնդկահավ պատահի՝ ա՛ռ, մյուս օրը պետք կգա. կարելի է տապակել...

Մի քանի րոպե անց՝ պարոն Լևոնը սկսում է ննջել, իսկ Գրիգորը գնում է խոհանոց և մտածում տիրոջ մոտ մնացած հարյուր հիսուն մանեթի մասին և այն մասին, թե ինչպես անի, որ վաղվա ճաշը դուր գա տիրոջը։

Եվ այսպես ամեն օր...

1916


Փորձանք

Գյուղաքաղաքի հիվանդանոցի նախասենյակը լիքն է ամեն հասակի և ամեն տեսակի այցելուներով — կին, մարդ, աղջիկ, երեխա... Շատերը, տեղ չլինելու պատճառով, կանգնած են. իսկ ոմանք անհամբեր հերթի են սպասում բժշկի ընդունարանի դռների առջև։

Զգացվում է քրտինքի, տրեխի և յոդոֆորմի հոտւ Անկյունում երկու մարդ խոսում են կարմիր նստարանին նստած։ Սրանցից մեկի (որ ունի սև մազերով հաստ դեմք, խիտ հոնքեր և չինացու քիթ) աջ ձեռքը կապած է կրծքին։ Իսկ մյուսը (որն ունի ալեխառն փոքրիկ միրուք, հարաշարժ աչքեր և մեջքին արծաթե բարակ գոտի) գլուխը կապել էր սպիտակ փաթաթանով։

— Ես զարմանում եմ, Պետրոս աղա,— ասում է չինացու քթով, ձեռքը կապած մարդը իր հասակավոր հարևանին,— երկու օր առաջ տեսա քեզ ողջ-առողջ, այսօր գլուխդ փաթաթած։ Ի՞նչ է պատահել...

— Էլ մի հարցնի, Ավետիս,— ասում է Պետրոս աղան՝ գլխի փաթաթանը շոշափելով։

— Կռի՞վ է պատահել, ի՞նչ...

— Ի՜նչ կռիվ, ի՜նչ բան։

— Հապա ինչի՞ց եղավ էդ։

— Մի փուչ բանից։

— Ո՜նց թե։ Վեր ես ընկե՞լ...

— Ի՜նչ վեր ընկել, ախպեր. իմ պարոն ծառան է խփել, պարզերես կենա...

— Ծառա՞՜ն, էն Մին ա՞սը, թե՞ Դավիթը։

— Դավիթ է, ինչ անասուն է,— ասում է Պետրոս աղան նեղացած և նորից շոշափում է գլխի փաթաթանը։

— Էն որ այգին պահո՞ւմ է։ Ինչո՞ւ խփեց ախր...

— Երեկ իրիկուն գնացի այգի, փետը վերկալավ ու տուր թե կտաս գլխիս մեջտեղը։

— Վա՜հ,— զարմանում է Ավետիսը,— առանց դես ու դենի՞... Չե՛մ հասկանում...

— Իհարկե, չես հասկանա։ Եթե բանը գլխից չասես, թարս դուրս կգա,— ասում է Պեարոս աղան աչքի պոչով նայեյով մյուս նստողներին։— Դու գիտես, որ էդ Դավիթ է, ինչ փուչ կենդանի է, մեր այգին պահում է, ու դրա համար ամսական հինգ մանեթ եմ տալի, հացն էլ ինձանից, իսկ ամսական, ամենաքիչը, նա կուտի տասնհինգ մանեթ, դեռ հացն էլ առանց պանիր չի ուտում։ Հինգ մանեթն էլ էդ տասնհինգ մանեթի վրա քսան մանեթ, իսկ քսան մանեթը քիչ փող չի. դրանով կարելի է մի կով առնել։ Հլա տրեխներ էլ էր ուզում՝ չտվի... Հա՛, ախպերս որ դու ես, էդ լիրբ լրբի որդին իբր թե այգի է պահում։ Ամեն օր գնում եմ տեսնում՝ ծառերի խնձորները, տանձերը պակաս։ Ասում եմ.

— Ա՛յ տղա, Դավիթ, էս ծառերի խնձորներն ո՞ւր են։

— Ես ինչ գիտեմ, աղա։

— Ո՞նց թե,— ասում եմ,— բա որ դու չգիտես, ո՞վ պիտի իմանա։

Ձեն չի հանում։

Դեռ էդ ոչինչ, որ մեծ ծառերի խնձորներն էին պակասում, ավելի վատ եղա, երբ մի օր էլ տեսա՝ Ռուսեթի մի թեթև ծառ կա, նրա խնձորներն էլ պակասեցին։ Էդ ծառը առել եմ Վարդանի տղից։ Մի օր դա եկավ, թե՝ «Պետրոս աղա, մի խորոմ խոտ տուր, խոտ չունեմ»։ Ասի՝ «տար, համա քու այգու պատրուսներից մեկը կտաս»։ Մարդը խոստացավ ու տվեց։ Էս տարի էդ ծառը բո՜լ բռնել էր։ Ինքը կարճ, թեթև բան է, բայց լավ բռնել էր։ Կարկուտը շատ մասը թափեց, բայց մի քիչ էլի մնաց, էդ քիչը համբարեցի, դուրս եկավ հիսուն-հիսուներկու հատ։ Էս քանի օրը որ գնացի այգի, ասենք, ամեն օր եմ գնում, համա էս վերջին անգամը որ գնացի, տեսա էդ ծառի խնձորը պակաս, համբարեցի՝ դուրս եկավ 48 հատ։ Կանչեցի էդ անիծած Դավթին։

— Արի էստեղ,— ասում եմ։

Վազեվազ եկավ ու դիք դագանակի պես առաջիս տնկվեց։

— Ի՞նչ է, աղա։

— Աղեն աչքդ հանի։ Ա՛յ տղա, ասում եմ, էս ծառի խնձորներն ո՞ւր են։

— Վրեն է, ո՛ւր են,— ասում է,— աղա։

— Ո՜նց թե վրեն են,— ասում եմ,— էստեղ հիսուն, հիսուներկու խնձոր կար, հիմի 48 հատ է, ո՞ր ջհանդամն են գնացել։

— Ես ինչ գիտեմ, աղա։

Ասում է ու ծառին է մտիկ անում, մթամ թե ն՛որ է տեսնում։

— Բա որ դու չգիտես, էլ ո՞վ գիտի, ասում եմ,— էլ ի՞նչ՞ այգի պահող ես, որ չգիտես։

— Չգիտեմ,— ասում է,— աղա։

Ասում է ու էլի ծառին է մտիկ անում, որ աչքերս չտեսնի։

— Ամո՛թ է,— ասում եմ,— ա՛յ տղա, հոգուդ մեղք մի անի. թե ուտում ես, ասա ուտում եմ. հո ես բան չեմ ասում դրա համար։

— Չէ,— ասում է,— աղա, ուտում չեմ։

— Որ ուտում չես,— ասում եմ,— բա ո՞ւր են գնում։ Կա՛մ գողանում են, կա՛մ ուտում ես, ուրիշ էլ ի՞նչ կա, հո երկինք չեն թռչում։

— Չէ,— ասում է,— աղա, ո՛չ ուտում եմ, ո՛չ գողանում են։

— Էդ ո՞նց կլինի,— ասում եմ։— Երկուսից մեկը՝ կա՛մ ուտում ես, կա՛մ գողանում են՝ դու չես տեսնում։

Չէ որ չէ՜։

— Ո՛չ ուտում եմ, ո՛չ էլ գողանում են։

— Թ՛ող էդպես լինի,— ասի մտքումս, ու մտածում եմ — գուցե չի ուտում, բայց ծախում է. կամ, շատ կարելի է, գողանում են, ինքը քնում է՝ չի տեսնում... Վերջապես, ասում եմ, պետք է իմանամ՝ այգիս գող է մտնո՞ւմ, թե չէ...

Էսպես մտածելով հասա տեղ ու եղածը պատմեցի սանամորդ։ Նա էլ ասավ, որ ծառան ուտիլ չի, բայց շատ կարելի է՝ գողանում են, ինքը քնած է լինում։ Էդ էլ որ նա ասավ, մտածեցի՝ լավ մութը մթնելուց հետո թաքուն մտնեմ այգի, խնձոր քաղեմ, տեսնեմ էդ անիծածը ինձ նկատում է, թե չէ. եթե նկատի — էն է՝ լավ է մտիկ տալի այգուն, թե չէ հո՝ այգիս անտեր է, գողերը թալանում են։

Մտածեցի ու արի։

Հիմի, քավոր Ավետիս, դու կասես թե ես մի քանի խնձորի համար դարդ եմ անում։ Սկի էլ չէ։ Իմ դարդը խնձորները չէին, թքած խնձորների վրա։ Ես ուզում էի իմանալ՝ այգիս գո՞ղ է մտնում, թե ոչ։

Հենց էդպես, երբ մութը լավ մթնեց, մի փետ վերկալա, դուրս եկա տանից ու ճամփա ընկա դեպի այգի։

Մութ, շա՛տ մութ գիշեր էր. էնպես մութ, որ աչք աչքի չի տեսնում։

Երբ այգուն մոտեցա՝ սիրտս տրպպաց. մի տեսակ վատ բան զգացի։ Լավ կլիներ հենց էդ ժամանակ էլ ետ դառնայի, էլ ես բանը չէր պատահի։ Բայց կարծես սատանան բոթեց թե՝ գնա՛, գնա՛, գնա՛...

Ես էլ մտածեցի.— քանի որ եկել եմ, մտնեմ մի փորձեմ էդ անիծածին, տեսնեմ նկատո՞ւմ է, թե չէ։ Եթե չնկատի, վա՛յն եկել է իրեն տարել, պոչը կկտրեմ. թող ուր ուզում է գնա։

Էսպես մտածելով՝ մոտեցա այգու պատին։ Մոտեցա ու լոք տվի վրովը, ու հենց լոք տվի թե չէ, երկու քար, վատ էին դրվա՞ծ, ինչ էր — իրար հետ ընկան պատից... Ես մտա այգի ու կանգնած ականջ դրի։ Ասում եմ՝ տեսնեմ մարդու ձեն_ձան, ոտի ձեն լսվո՞ւմ է, թե չէ։

Հենց մտել ու մտածում էի, մեկ էլ տեսնեմ ոտի ձեն լսվեց։ Մինը դեպի ինձ էր գալիս։ Ասի ով գիտի հենց գող է։ Բայց չէ։ Եկավ մթի մեջ մի քիչ հեռու կանգնեց ու ձեն տվեց։

— Ո՞վ է։

Ասողն էդ լիրբ լրբի որդին էր. ձենից էն րոպեին ճանաչեցի, բայց ձեն չհանեցի։ Ասում եմ՝ ով գիտի հենց էնպես հավարի է գոռում, առանց բան տեսնելու։

— Ո՞վ ես,— ձեն տվեց նորից։

Ես էլի ձեն չեմ հանում։

Նա փնթփնթաց, հայհոյեց, հեր ու մեր քաշեց ու նորից.

— Ո՞վ ես,— ասում է,— դո՛ւրս արի։

Ես թարսվել, կողքի եմ ընկել ու ձեն չեմ հանում։ Ասում եմ իրանից դուրս է գոռում, քարերի ձենը լսել է՝ դրա համար։

— Դո՛ւրս ես գալի, թե չէ,— մին էլ գոռաց նա։

Ու հենց էդ գռռալը տեսա... Մեկ էլ — ֆռռալով մի բան եկավ ու տրաքեց գլխիս։

— Վա՛յ, անիծվես դու,— ասի ու գլուխս բռնեցի։ Գյադեն ձենիցս ճանաչեց ու մնաց սառած, էլ ձեն չհանեց։ Քիչ հետո տեսնեմ՝ գլխիցս արուն է գալի։

— Վա՛յ,— ասի,— ես քու... էս ինչ փորձանք բերիր գլխիս։

Գյադի լեզուն կապ է ընկել, բան չի խոսում։ Վերջը կմկմաց.

— Աղա,— ասում է,— ես ի՜նչ գիտեի դու ես...

— Աղեն աչքդ հանի,— ասում եմ,— լիրբ լրբի զավակ... Շատ էլ քեզ ասել եմ այգուն մտիկ անես, պետք է, ուրեմն, փետը քաշես մարդ սպանե՞՜ս...

— Ի՜նչ ես ասում,— զարմանում է Ավետիսը կապած ձեռով իր չինական քիթը տրորելով։

— Հապա՜,— հառաչում է Պետրոս աղան՝ գլխի փաթաթանը ուղղելով,– էսենց փորձանք բերեց իմ գլխին էն լիրբ լբրի գյադեն...


— Պետրոս Միրզոյան,— կարդում է հիվանդների ցուցակը սպիտակ շոր հագած երիտասարդ ֆելդշերը և նայում է Պետրոս աղայի կողմը։— Հերթը ձերն է։

Պետրոս աղեն գլխաըկը վերցնելով՝ դնում է կռնատակը և մտնում բժշկի մոտ...

1913


Հոգաբարձուն

I

Ուսուցչի նամակը հոգաբարձուին

Հարգելի պ. Աղաբեկյան,

Խնդրում եմ բարեհաճեք ռոճիկի մասին կարգադրություն անել, որովհետև խիստ կարիքի մեջ ենք։ Խնդրում եմ նաև վառարանը շինել տաք, որովհետև ծուխն առաջվա նման շարունակ ետ է տալիս, և դասարանների լուսամուտների ապակիները գցեք, որովհետև երեխաները մրսում են, այնպես որ հետո հիվանդություններ կարող են պատահել։

Հարգանքով՝

Ավագ-ուսուցիչ Մամիկոն Ավալյան։


II

Հոգաբարձուի պատասխանը

Պարոն Մամիկոն,

Երեկ ստացա ձեր նամակը և կարդացի։ Գրում եք, թե կարիք ռւնեք և ռոճիկ եք խնդրում։ Ոչինչ չունեմ։ Ռոճիկ տալը, իհարկե, մեր պարտքն է, կտանք, բայց բանն էն է, որ երեսփոխ Մինասը գնացել է քաղաք բուժվելու։ Ասում են՝ աղիքների հիվանդություն ունի։ Եթե աստծով մի բան չպատահի, էս երկու օրը շատ կարելի է գա, էն ժամանակ ամեն բան կանենք։

Ով գիտի տան համար բանե՞ր են հարկավոր, որ ասում եք կարիք ունեք։

Եթե, դրուստ որ, տան համար բաներ պետք են, կարող եք իմ խանութից վերցնել, հետո կհաշվենք, ոչի՜նչ։ Երկար ժամանակ է, պարոն Մամիկոն, որ էլ խանութ չեք գալի... Ինչպես երևում է՝ նեղացել եք։ Բայց հավատացեք, պարոն Մամիկոն, բրինձը հենց այդպես էլ ստացել էինք։ Եթե իմանայի մեջը կեղտ կա, ձեզ կտայի՞, հարցնում եմ... Իհարկե չէ։ Որ լավ ապրանքը ձեզ նման պատվական մարդուն չտամ, բա էլ ո՞ւմ պետք է տամ, մեր ղալմուխի՞ն (ամբոխին)... Մի խոսքով...

Հիմի նոր բրինձ ենք ստացել. եթե ուզում եք, համեցեք տարեք։ Ագալու լավ տեսակի բրինձ է։ Անցյալ օրը տերտերը մի փաթ տարավ։ Նա շատ էր հավանում։ Եթե դուք էլ տեսնեք, դուք էլ կհավանեք։ Բրինձից սավայի՝ ստացել ենք Օրդուբադու չիր, Բաղդադի խուրմա և Երևանի թուզ։ Համեցեք, գներն էլ շատ էժան են։

Հետո գրում եք, թե դասարանների լուսամուտները կոտրված են... Էդ հո անցյալ անգամ էլ գրել էիք։ Մի՞թե շուշա գցողը դեռ չի եկել գցել... Էն անպիտանին տասն անգամ ասել եմ, որ գա, և զարմանում եմ, թե ինչո՛ւ չի գալիս... Ով գիտի անցյալ տարվա հաշիվը չի ստացել, դրա համար է նազ անում։ Ոչինչ. ես նրան կասեմ. հալբաթ կգա խանութ... Եթե, ոնց որ ասում եք, պարոն Մամիկոն, դասարաններում շատ ցուրտ է, առայժմ բաց տեղերը յուղած թուղթ կպցրեք, հետո կտեսնենք։ Յուղած թուղթը լավ է, հա՛մ լիս կլինի, հա՛մ էլ քամի չի փչի։

Իսկ ինչ վերաբերում է վառարանին, որ ասում եք, թե լավ չի վառվում և միշտ ծուխը ետ է տալիս, էդ նրանից կարող է լինել, որ բուխարիկի մեջ շատ մուր կիտված կլինի։ Դասից ետը, աշակերտներից մեկին բարձրացրեք կտուրը թող թոկով կապած մի քար, կամ փետի ծերը մի ավել կապի, կախ անի բուխարիկի մեջ ու մուրը մաքրի։ Դրանից ետը, եթե ծուխը էլի ետ տա, նշանակում է բուխարիկի մեջ մի ուրիշ բան կա. կամ քար ընկած կլինի կամ սատկած կատու։ Հերու էլ էդպես մի բան էր պատահել։ Վառարանի ծուխը միշտ ետ էր տալիս։ Հերվա ավագ ուսուցիչ պարոն Տիգրանն էլ ձեզ նման շարունակ գանգատվում էր, թե՝ «Դասարանները ծխով լցվում են, չենք կարող պարապել, ֆլան-ֆստան, շինեցինք»։ Ինչ արինք-չարինք ծուխը չէր կտրում։ Վերջը, բանից դուրս եկավ, որ սատկած կատու էր ընկել բուխարիկի մեջ։ Հիմի էլ, ո՞վ գիտի, Էդպես մի բան է պատահել։ Դուք ասածս փորձեցեք, նրանից ետը կտեսնենք։

Հետո նամակում գրում եք, թե երեխաները մրսում են դպրոցում։

Ես կարծում եմ, նրանք ոչ թե դպրոցում են մրսում, այլ հենց դրսևը։ Եթե դուք չթողնեք, որ նրանք դուրսը այնքան խաղան, լրբություններ անեն, դժվար թե մրսեն։ Եթե դպրոցում մրսում են, ձեզ եմ հարցնում, էլ դրսևը ինչի՞ են խաղում. չէ՞ որ դուրսը ներսից ավելի ցուրտ է։ Նշանակում է նրանց մրսելու պատճառը կոտրած ապակիները չեն։

Էս էլ պետք է ասեմ ձեզ, պարոն Մամիկոն, որ ձեր աշակերտները իրենց շատ անկարգ են պահում դուրսը։

Պատահում է անցնում եմ փողոցով, տեսնում եմ ձեր աշակերտները դասները թողած, պարապ-սարապ մի տեղ հավաքված կա՛մ չանա են խփում, կա՛մ հռհռում, կա՛մ թե չէ ձնթոփ խաղում։ Էն օրն էլ ձնթոփի մեկը եկել դիպել էր մեր հարսի (այսինքն՝ իմ նշանածի) գլխին։ Էդ դեռ ոչինչ։ Մի պատահմունք է։ Համա բանն էս է, երբ էդպես խաղերի ժամանակ անցնում եմ կողքներից, չեն էլ ասում, թե ո՛վ է անցնողը... Մի խոսքով... Ամեն անգամ եկեղեցի գնալիս՝ նկատում եմ, որ ձեր աշակերտները մարդու ըսկի մարդատեղ չեն դնում։ Ի՜նչ որ է։

Եկեղեցի ասի, միտս եկավ, պարոն Մամիկոն։ Գիտեք ինչ։ Էս քանի օր է տիրացու Խաչատուրը պատից վեր ընկնելու պատճաոով հիվանդացել է, իսկ երեսփոխն էլ, ոնց որ ասի, գնացել է քաղաք բուժվելու, էնպես որ խեղճ քահանան՝ իր ծեր հալով մնացել է մենակ և իրար չի գցում. չգիտի դասո՞ւմ երգի, թե՞ փոխ ասի։ Մեր հարսը, այսինքն՝ իմ նշանածը, ասում է, թե խեղճ քահանան, երբ դասումն է երգում, փոխն է մն՚ում, իսկ երբ փոխն է ասում, դասի խոսքերն են մնում։ Հիմի, էնպես որ, պարոն Մամիկոն, լավ կանեք, եթե կարող եք դուք, կամ ուսուցիչներից մեկը, գաք քահանային օգնելու, հետը փոխ ասեք. թե չէ՝ խեղճը մեղք է։ Պարապ լինեի, ես ինքս կերթայի, բայց արի տես, որ թարսի պես, խառնված եմ. նոր ստացված ապրանքները տեղավորում եմ։ Պարոն Սմբատի ձենը լավ է. լավ կանեք, հենց նրան ղրկեք։

Մի բան պետք է ասեմ պարոն Սմբատի մասին, որ իրան էլ հայտնեք, թե էդպես չի կարելի, ամոթ է։ Գիտեք ինչ. էն օրը՝ գիշերով մեր հարսի հետ անցնում եմ Վերի թաղի փողոցով, տեսնեմ մինը երգ է ասում։ Ոտս կախ արի, ասի՝ տեսնենք էս ո՛վ է, որ էս գիշերին էսպես էրված երգ է ասում։ Բանից դուրս եկավ, որ երգողը պարոն Սմբատն էր։

Գիտեք, դա մի քիչ լավ չէ, պարոն Մամիկոն։ Լսողները վատ բաներ կկարծեն. հենց կիմանան, թե պարոն Սմբատը սիրահարված է, որ այդպես երգ է ասում մեջ գիշերին։

Ուսուցիչ մարդը պետք է մի քիչ իրեն պահի, որ չասեն թե՝ էսպես է, էնպես։

Օրինակի համար, պարոն Գարեգինը, օրիորդ Անահիտը, երբ իրար հետ անցնում են փողոցով, միշտ խոսում են ու ծիծաղում...

Դա լավ չէ, պարոն Մամիկոն, ըսկի լավ չէ։ Տեսնողները կկարծեն, թե սրանցում մի ինչ-որ բան կա, որ էդպես փսփսում են ու ծիծաղում։

Պ. Գարեգինը, փառք աստծու, աստված իրեն բաշխի, իրա համար կնիկ ունի. նրա հետ ինչքան ուզում է ման գա... Օչով էլ բան չի ասի, բայց... օրինակի համար, ես կնկա տեր մարդ եմ. եթե վեր կենամ ու մի ուրիշ կնկա հետ ման գամ, ի՞նչ կասեն... Չե՞ն ասի թե՝ «Տեսեք, տեսեք անամոթին, ի՞նչ բան ու գործի է. իրա պսակովի կնիկը թողած, ուրիշի հետ է ման գալի»... Կասե՛ն ու հլա հետն էլ կթքեն։ Հապա՜... էդպես պարոն Գարեգինին մի քիչ զգուշացրեք, որ խալխը նրա մասին վատ բան չխոսեն։ Մեր հարսը էն օրն ինձ մի քանի բան պատմեց, համա հավատալս չի գալի... Ինչ ո՜ր է։ Եղածը ասում եմ ձեզ. հիմի դուք գիտեք։

Իսկ ռոճիկի մասին, ոնց որ ասի, երբ երեսփոխը, եթե աստծով մի բան չպատահի, քաղաքիկ գա, կտեսնենք։

Նորաշենի ծխական դպրոցի հոգաբարձու և տանուտերի օգնական՝

Աբաթեկ Աղաբեկյան։

Հա՛, պարոն Մամիկոն, մոռացա ասել, որ բրինձից, չրից ու խուրմից սավայի՝ ստացել ենք լավ զեյթուն, Թավրիզի քիշմիշ և թազա լիմոն։

Դուք լիմոն, կարծեմ, շատ եք սիրում...

1915


Վերակացուն

...Ութ ամիս է ինչ թեմական դպրոցի վերակացու եմ։

Այս պաշտոնն ինձ համար գլուխ բերեց հոգաբարձու Ալայանի կինը, որ մի պատվական ու բարի տիկին է և, մի քիչ կարճատես լինելու պատճառով, ակնոց է կրում, եթե տեսել եք։

Երբ անցյալ տարի նա մեր գյուղն ամառանոց էր եկել, ես այնտեղ ծանոթացա նրան, մի քանի անգամ մեր այգուց խնձորներ ընծա ուղարկեցի, աշակերտներիս մոռ բերել տվի անտառից, որ մուրաբա եփեն (իհարկե այս բոլորը ես արի առանց որևէ ակնկալության, դրդված լոկ հարգանքի զգացմունքից), և մի օր էլ, երբ խոսք ընկավ իմ պաշտոնի մասին, ես ցանկություն հայտնեցի վերակացու լինել որևէ քաղաքի միջնակարգ դպրոցում, քան թե ուսուցիչ մնալ գյուղում։

— Կուզեք, ես գլուխ բերեմ,— ասաց։

— Խնդրեմ. երախտապարտ կլինեմ։

Ու նա իր խոստումը, շնորհակալ եմ, կատարեց։ Եվ ես իմ պաշտոնից, պետք է ասած, գոհ եմ. ռոճիկս էլ, փառք աստուծու, վատ չէ։

Թե որքան եմ սիրում պաշտոնս, այդ երևում է նրանից, որ չի պատահել մի օր, որ ես ետ մնամ կամ ուշանամ դասից... Ես միշտ բոլորից առաջ եմ գնում։ Երբեմն նույնիսկ գնում եմ-տեսնում ծառաները նոր են վեր կացել... Պետք է այս էլ ասեմ, որ չի եղել նույնիսկ մի դեպք, որ ես կռվեմ ընկերներիս կամ դպրոցի ծառաների հետ... Այդպիսի բան երբեք չի եղել։ Աշակերտների բանը ուրիշ է, իհարկե... նրանց հետ անհամություններ պատահում են երբեմն, ինչ որ անխուսափելի է... Բոլոր աշակերտները միատեսակ չեն, իհարկե։ Դրանց մեջ կան մի քանի ղլդուր տղաներ՝ բարձր դասարաններից, որ քթներն այնքան բարձր են բռնում, կարծես ամեն մեկը մի փիլիսոփայության դոկտոր է՝ Լայպցիգից եկած... Դրանք ամեն օր, դասերը թողած, խոսում են ինչ-որ Լոմբրոզոյի, Շոպենհաուերի և Կարլ Մարքսի մասին... Աշակերտներ և Մա՜րքս... Երբ բանվորները կամ սոցիալիստներն են խոսում Մարքսի մասին, հասկանալի է. բայց աշակերտները... Ի՜նչ կապ ունի... Դեռ Պռոշյան չեն կարդացել, Մարքսի մասին են խոսում...

Տասը տարի գյուղում ուսուցիչ եմ եղել և մի անգամ գոնե իմ աշակերտների բերանից «Մարքս» խոսքը չեմ լսել։ Իսկ այստե՜ղ... մարդ չի հասկանում... Երբ ես դրանց ասում եմ. «Պարոններ, փոխանակ Կարլ Մարքսի և Լոմբրոզոյի մասին խոսելու, վերցրեք մեր մատենագիրները կարդացեք»,— ծիծաղում են հիմարի պես։

Տգետ, խակ տղաներ են, իհարկե։

Անցյալ օրը դրանցից մի երկուսը մոտենում են ինձ.

— Պարոն Քելեկյան,— ասում է մեկը, վեցերորդ դասարանցի մի ղլդուր,— ասացեք խնդրեմ՝ Մոնբլա՞նն է բարձր, թե Արարատը։

Ես ասում եմ.

— Մոնբլանը։

— Մի՞թե։

— Իհարկե։

Նրանք աչքի տակով նայում են իրար և խնդում այնպես, կարծես թե ես չեմ նկատում։

Ինքնահավան տղաներ են, իհարկե... Շատ ժամանակ խոսում են նույնիսկ կանանց հարցի մասին։

Մի օր էլ այդ նույն տղաները դարձյալ մոտենում են ինձ։

— Պարոն Քելեկյան,— ասում է նորից նույն տղան,— ասացեք խնդրեմ՝ ջաղացի քարը իր ամեն մի պտույտի ժամանակ ցորենի քանի՞ հատիկ կարող է աղալ...

Ես մտածում եմ մի փոքր, որպես բարեխիղճ մարդ, և ասում.

— Դա ճիշտ չի կարելի որոշել... Ջաղաց կա, որ կարող է ավելի աղալ, ջաղաց էլ կա, որ կարող է պակաս աղալ...

Բայց նրանք, նկատում եմ, հեռանալով դարձյալ ծիծաղում են։

Դա, իհարկե, ինձ ամենևին չի վիրավորում, քանի որ գիտեմ տգետ, խակ տղաներ են՝ հովերով տարված։

Բացի սրանից, երբ այդ աշակերտներին հանդիմանում ես չարության համար կամ մի բան հասկացնելու բարի դիտավորությամբ ապտակում ես մեկին, ամրողջ դասարանը բողոքում է— այսպե՜ս-այնպե՜ս, ինչպես կարելի է...

Ափսո՜ս գյուղի երեխաներ...

Աշակերտների մասին խոսելով՝ ես մի կողմ թողի գլխավորն ու կարևորը։

Անցյալներում մեր դպրոցում կար մի հանդես։ Տոնում էին պատմության ուսուցիչ Օթյանի ուսուցչության 30-ամյա հոբելյանը։ Հանդեսը կատարվեց շատ լավ. ամեն տեղից շնորհավորել էին։ Շնորհավորական գրություն էր ուղարկել նույնիսկ կույսերի մայրապետը... Հանդեսից հետո, ինչպես կարգն է, եղավ ճաշկերույթ։ Շատ մարդ կար ճաշին— մեր հոգաբարձուները, նրանց կանայք (այդ օրը, դժբախտաբար, չէր եկել տիկին Ալանյանը, կարծեմ հարբուխի պատճառով) և ուրիշ պատվավոր հյուրեր։ Այստեղ էր, ի միջի այլոց, և հոգաբարձու Կաչանյանի աղջիկը՝ մի ինքնահավան պառաված ղալդի, որ հայերեն խոսում է գերմաներենի ձևով՝ «Խայրս վախեր մախից»... Իբրև ուզում է ասել «Հայրս վախենում էր մահից»...

Ճաշի ժամանակ այդ պառավ ղալդին նստած էր իմ դեմուդեմ։ Նկատում եմ, որ դա շարունակ ինձ է նայում։ Մտածում եմ. «Սա ինչո՞ւ է նայում ինձ. չլինի՞ մտքում մի բան կա»... «ինչ էլ ուզում է լինի,— ասում եմ ինքս ինձ,— ես կին, երեխաներ ունեմ...»։ Բայց տեսնում եմ, որ՝ չէ՜. հայացքի մեջ բարի դիտավորությունը պակասում է... Ես շարունակում եմ ուտել և՛ խաղողից, և՛ խնձորից, իսկ նա աչքերը չորս արած նայում է ինձ։ «Էհ, ինչքան ուզում է նայի»,— ասում եմ մտքումս և շարունակում ուտել։ Ուրիշները խոսում են, ճառ են ասում. իսկ ես համեստորեն լռում եմ և երբեմն՝ միայն ճաշակում մրգերից... բայց նա էլ, այդ ապուշ աղջիկը, աչքերը չի հեռացնում. նայում է ինձ, նայում անդադար...

«Ինչ-որ մի բան կա սրանում»... մտածեցի։

Եվ իսկապես։ Ճաշկերույթից չանցավ երկու օր, մի առավոտ իմ ընկեր վերակացուներից մեկը դպրոցի միջանցքում կանգնեցնում է ինձ և խոսքերը ծամելով ասում, թե ես ճաշկերույթի օրը իբր մի քիչ անվայել եմ պահել ինձ հյուրերի մոտ։

— Այսինքն ինչպե՞ս,— հարցնում եմ զարմացած, և մտածում, թե անվայել ի՞նչ բան եմ արել։

Ընկերս իսկույն չպատասխանեց։

— Այնպես,— ասում է տատանվելով,— կարծեմ օրիորդ Կաչանյանը անցյալ օրը մի քիչ դժգոհ էր քեզանից։

— Ինչպե՞ս. չի՞ կարելի իմանալ ինչի՛ համար։

Ընկերս նորից տատանվեց. թե՝ «այնպե՜ս», և պատմեց, որ ես, իբր թե, օրիորդ Կաչանյանի ասելով, սովատնից դուրս եկածի նման, ճաշին մրգի ամանը ուրիշների առաջից քաշել եմ իմ միրուքի տակ (այսպես էլ ասել է՝ «միրուքի տակ») և արագ-արագ կերել մեջը եղած մրգերը. և իբր թե՝ կատարյա՛լ սուտ —շտապելուց խնձորը կերել եմ առանց կլպելու։

Այդ լսելով՝ ես չկարողացա պահել ինձ և ասացի.

— Դա բացարձակ սո՛ւտ է... Այսպիսի ստախոս օրիորդի մազերից պետք է բռնել և փողոցում քարշ տալ... Օրիորդ Կաչանյանը լավ կանի իր մասին մտածի, որ արդեն պառավել է և...

Ես էլի ինչ-որ խոսքեր ասացի, որ կարծեմ, լսեցին մեր մոտով անցնող ուսուցիչներն ու աշակերտները... Շա՛տ հարկավոր է, որ լսեցին. ես ճշմարտությունն ամեն տեղ էլ կասեմ...

Ընկերս, նկատելով իմ հուզմունքը, աշխատեց հանգստացնել ինձ։ Բայց զրպարտված մարդը կարո՞ղ է հանգստանալ... Ես թեև լսեցի, բայց հանգստանալ չկարողացա։

«Այդպես ուրեմն. օրիորդ Կաչանյանը դրա համար էր նայում ինձ,— մտածում եմ։— Անզգա՛մ»։

Եվ ամբողջ գիշեր քունս չտարավ.— ո՜նց թե նա կասի՝ այսպես... Անզգա՜մ...

Այս խոսակցությունից մի շաբաթ անցնելուց հետո, մեր տեսուչը, որ մի բթամիտ ու կամակոր մարդ է, մի օր կանչում է ինձ իր մոտ։

Գնում եմ։ Գրասեղանի առաջ նստած ինչ-որ գրում է, աջ թևի մանժետը սեղանի վրա դրած։ Երբ ներս մտա, չնայեց էլ, թե ո՛վ մտավ։ Դրանով կարծես ուզում էր ցույց տալ, թե՝ տեսեք-տեսեք շատ եմ զբաղված... Բթամի՛տ արարած։

Նա գրում է, իսկ ես նայում եմ նրան ու մտածում, թե ինչի համար է կանչել ինձ։ Գրում է կամաց-կամաց և չի էլ ասում, թե՝ «նստի՛ր»... Այնքա՜ն անքաղաքավարի է։

Վերջապես, գլուխը բարձրացնում է և, փոխանակ ինձ նայելու, աչքերը լուսամուտին, խոսում է իր անախորժ ձայնով ու հայտնում, որ ես, «հակառակ իր կամքի», արձակվում եմ իմ պաշտոնից։

— Մանկավարժական և հոգաբարձական խառը ժողովը,— ասում է նա, լուսամուտին նայելով,— այդպես որոշեց։ Այժմ հայտնում եմ ձեզ ժողովի որոշումը...

Այս խոսքերի վրա իմ աչքերը մթնում են։ Ինչպե՜ս թե այդպես։ Ես ինձ հավաքում եմ և ասում.

— Ներեցեք, չի՞ կարելի իմանալ արդյոք ինչի՛ համար եմ արձակվում պաշտոնիցս։

Տեսուչը, այդ տարօրինակ մարդը, լռում է մի փոքր, մտածում և ասում.

— Մի՞թե դա այնքան ցանկալի է։

Ապո՛ւշ հարց. իհարկե ցանկալի է։

— Այո՛. ես կուզեի իմանալ...

Նա նորից մտածում է, մի բան, որ նրան չի սազում։

— Դուք, իսկապես, ցանկանո՞ւմ եք իմանալ պատճառը,— կրկնում է նա, եղունգներն իրար քսելով։

— Այո՛, այո՛։

Այս անգամ արդեն նա երեսը դարձրեց ինձ և ասաց.

— Խառը ժողովը գտավ, որ դուք ձեզ առհասարակ անվայել եք պահում թե դպրոցի պատերի մեջ և թե դուրսը...

Եթե մի ուրիշը լիներ իմ տեղը, այս խոսքերը լսելով՝ խելքը կթոցներ. բայց ես մնացի բոլորովին սառնասիրտ և իսկույն գլխի ընկա, թե զնգոցը ո՛րտեղից է գալիս։ «Պառավ ղալդին այստեղ մատն է խառնել»,— մտածեցի։

— Դուք երևի նկատի ունեք օրիորդ Կաչանյանին,— ասում եմ ես։— Բայց իմացեք, որ ես ուրիշ կերպ չէի կարող վարվել...

— Ես ոչ մի բան նկատի չունեմ,— պատասխանում է նա, առանց ինձ նայելու, մանժետը հագնելով։— Դա ժողովի որոշումն է։

— Հասկանում եմ,— ասում եմ,— բայց ես գիտեմ, թե ժողովը ի՛նչ է նկատի ունեցել։ Այդ ցանցառ օրիորդը զրպարտել էր ինձ, ես էլ ասացի՝ նրա մազերից պետք է բռնել և... Այստեղ ի՞նչ անվայել բան կա... Այդպիսի ստախոս օրիորդի մազերր քաշելը քի՜չ է...

— Տեսնո՜ւմ եք,— դարձավ ինձ տեսուչը,— դուք այստեղ էլ,— ասում է,— ձեզ անվայել եք պահում։

Ասացեք խնդրեմ, այստեղ ի՛նչ անվայել բան կա։

Ես խոսում էի առանց հուզմունքի, առանց աղմուկի և առանց որևէ բացականչության։ Եվ նա ասում է, թե անվայել է։

— Անվայել ոչինչ չկա,— ասում եմ հանգիստ.— եթե մի այդպիսի պառաված օրիորդ ձեզ զրպարտեր, դուք, կարծում եմ, ուրիշ կերպ չէիք կարող վարվել... Շատ էլ նա հոգաբարձուի աղջիկ է, հայրը վաճառական, բայց ստախոս է։ Փոխանակ ինձ բամբասելու,— ասում եմ,— ավելի լավ կանի մարդու գնա...

Իմ այս խոսքերի վրա տեսուչ կոչվածը դեմքը թթվացրեց.

— Դուք իզուր մի բարկանաք,— ասում է,— օտար օրիորդի վրա։ Ոչ մի օրիորդ այստեղ գործ չունի, և խնդրում եմ մի աղմկեք...

Ու, այս ասելով, նա դուրս գնաց, թողնելով ինձ իր կաբինետում։

Զարմանալի տգետ մարդիկ կան կյանքում Որքա՜ն ուզում ես քաղաքավարի եղիր, որքան ուզում ես զսպված խոսիր, դարձյալ ասում են անվայել ես պահում քեզ։

Մի՞թե ասածներիս մեջ անվայել մի բան կա։

Կամ ո՛րտեղ է տեսնված, որ մի անպիտան օրիորդի պատճառով (թեկուզ նա լինի հոգաբարձուի աղջիկ) ուսուցչին արձակեն պաշտոնից։

Թեև մեր ուսուցիչներն ասում են, թե ինձ արձակելու պատճառը օրիորդը չէ, բայց չեմ հավատում։ Ես շատ լավ գիտեմ, որ խառը ժողովն իր որոշումն արել է օրիորդի ցուցումով։

Եվ ինձ հիմա արձակում են մի աղջկա պատճառով... Այսպես էլ անարդարությո՜ւն... Հետո ասում են, թե ինչո՛ւ են մարդիկ ինքնասպանություն գործում...

Մեր ուսուցիչները և տիկին Ալանյանը խորհուրդ են տալիս՝ նորից գնալ գյուղերը... Բայց՝ ո՛չ. ես չեմ գնա և չեմ թույլ տա, որ անարդար կերպով հեռացնեն ինձ, այն էլ մի աղջկա պատճառով։ Ես թույլ չեմ տա... Եթե տեսուչն իր պատիվն ունի, ես էլ իմ պատիվն ունեմ։ Ես գուցե ավելի լավ հոր որդի եմ, քան նա։ Իմ հայրը, համենայն դեպս, եղել է վաճառական, եկեղեցու երեսփոխ և տանուտերի օգնական, իսկ նրա հայրը, ասում են, մի հասարակ դերձակ է։

Ինչևէ. դա պարծենալու բան չէ, իհարկե, բայց ես այսպես չեմ թողնի։

Զոքանչս շատ ճիշտ է ասում, խնդիրը պետք է մամուլի նյութ դարձնել։

Այո, պետք է լրագրերում գրել, որ ամենքն իմանան, թե ինչն ինչո՛ց է...


1916


Կասկած

Թվաբանության ուսուցիչ Արամ Սարոյանն այդ առավոտ զարթնեց սովորականից ուշ՝ հոգնություն ու դժգոհություն արտահայտող աչքերով։ Շտապ հագնվելով նա, առանց կնոջն ու երեխային նայելու, որ նստած էին հացի սեղանի մոտ, հոնքերը կիտած գնաց լվացվելու։ Կինը, նրա դեմքին նայելով, իսկույն գուշակեց, որ ինչ-որ բան է պատահել ամուսնուն։ Դեռ երեկ երեկո, երբ ինքը պառկած էր արդեն, Արամն ակումբից ուշ եկավ և, հակառակ սովորության, հետը չխոսեց։ «Արդյոք ի՞նչ պիտի պատահած լինի»,— մտածեց տիկինը երեխայի աչքերին նայելով, իսկ երբ երեսը սրբելով ներս մտավ Սարոյանը՝ նույն մռայլ դեմքով, նա չհամբերեց.

— Ի՞նչ է պատահել, Արամ... տխուր ես երևում։

Սարոյանը չպատասխանեց։

— Քեզ հետ չե՞մ... Ինչո՞ւ չես խոսում... Ուշացե՞լ ես... հա՞... (Մարդը լուռ է)։ Դե, ես մեղավոր չեմ, որ ուշ ես զարթնել։ Քանի՛ անգամ դու ինքդ ես արգելել, որ չզարթեցնեմ, երբ էլ լինի... Ասենք, մեր ժամացույցը կարող է սխալ լինել... էն օրը, երբ մայրիկը մեզ մոտ էր — կանգնած էր։

— Ի՞նչ,— տնքաց Սարոյանը,— ի՞նչ մայրիկ...

Նա զոքանչին չէր սիրում, տանել չէր կարողանում նաև, որ կինն ամեն մի առիթով հիշում է նրա անունը։ Տիկին Հռիփսիմեն մոռացավ ասելիքը և տարակուսանքով կմկմաց.

— Ես... էլ ինչո՞ւ ես բարկանում... ասի՝ մեր ժամացույցը կարող է սխալ լինել։ Այդտեղ ի՞նչ կա որ...

Սարոյանը հոնքերն ավելի վրա տվեց և դարձյալ լռեց։ Կանգնած մի բաժակ թեյ խմեց, ապա ուսերին գցեց վերարկուն և պատրաստվեց դուրս գալ, երբ կինը կրկին հարցրեց.

— Լսիր, Արամ, մի թաքցնի... ի՞նչ է պատահել, որ այդպես...

Սարոյանն այնպես ձևացրեց, իբր թե ոչինչ չի լսում, և դուրս եկավ տնից։

«Զարմանալի է. ինչպե՞ս հասկանում է, որ բան է պատահել»,— մտածեց նա կնոջ մասին։

Փողոցում՝ գիշերվա անձրևից այստեղ-այնտեղ մնացել էին դեռ փոքրիկ լճակներ։ Օդը խոնավ էր, օրն ամպամած ու սառը։ Թեթև ցուրտ զգալով՝ Սարոյանը վրա քաշեց վերարկուն և քայլերն արագացրեց։ Ճանապարհին նրան թվում էր, թե այդ օրն ամեն ինչ՝ մարդիկ, կանայք, երեխաները և անգամ կառքերի ձիերը քնատ են ու գունատ։ Երբ անցորդները նայում էին նրան, նա գլուխը կախում էր, հոնքերի տակից նայում նրանց կամ անտարբեր ձևանում։ Թվում էր նրան, թե մարդիկ մի տեսակ նենգությամբ ու խորամանկությամբ են նայում իրեն։ Երևի հասկանում են, որ գիշերը չի քնել՝ թղթախաղում ի՛նչ գումար է տարվել և հիմա գլուխն ու աչքերն ինչպես են ցավում։ Նրան թվում էր նույնպես, որ իրեն նայողների հայացքներում ծաղր կա և մի տեսակ հեգնանք։

«Ծաղրի ի՜նչ բան կա,— ասում էր Սարոյանն ինքն իրեն։— Ով ասեք այդպիսի բան չի անում։ Ինչո՞ւ պիտի ծաղրեն... Ի՜նչ հիմար բաներ եմ մտածում»...

Դպրոցը Սարոյանի բնակարանից հեռու չէր։ Երբ տասը րոպեից հետո նա ուսումնարանի բակը մտավ, աշակերտներն արդեն անկարգ խմբերով, հարձակվող թշնամու բանակի նման, ներս էին խուժում դասարանները՝ աղմուկով, իրար հրհրելով։ Իսկ ուսուցիչները շեմքի մոտ խմբված՝ զրուցում էին։ Աշխարհագրության ուսուցիչ Բալյանը նրանց մեջտեղը կանգնած հեղինակավոր դարձումներով խոսում էր ինչ-որ։ Սարոյանը չէր սիրում Բալյանին, համարելով նրան մեծամիտ ու ինքնահավան, չէր սիրում նրա հեղինակավոր շարժումները, ձայնը և, մանավանդ, ցուցամատով համոզելու սովորությունը։ Եվ այժմ, տեսնելով նրան խոսելիս, Սարոյանի սիրտը կասկած ընկավ։ Նրան թվաց, թե Բալյանն ընկերների հետ խոսում էր իր մասին։

«Եվ ինչպե՜ս էլ կլոունի նման ծամածռություններ է անում,— ասաց նա մտքում։— Մյուսներն էլ ինչպես, ապուշի նման, լսում են նրան»...

Ընկերներին մոտենալով՝ Սարոյանն անխոս բարևեց նրանց և առաջ անցավ՝ աշակերտների ետևից դասարան մտնելու։

— Այսօր պարոն Սարոյանի տրամադրությունը մի տեսակ էր,— նկատեց նրա ետևից ռուսաց լեզվի նիհար, ակնոցավոր վարժուհին, ռուսական ակցենտով։— Աչքիս մի տեսակ երևաց, как будто...

— Այո, մի տեսակ էր,— հաստատեց նրա խոսքը երաժշտության ուսուցիչը, որ կուրծքը ներս ընկած, թոքախտավորի դեմքով երիտասարդ էր։

Դեռ միջանցքում Սարոյանը լսեց այդ խոսքերը և ուզեց ետ դառնալ, ուրախ ժպտալ նրանց, ցույց տալ, որ իր տրամադրությունն այնքան էլ վատ չէ, բայց, մտքում նրանց արհամարհելով, մտավ երկրորդ բաժանմունքը։ Թեև բանավոր զբաղմունքի օր էր, բայց տրամադրություն չուներ հարցուփորձելու աշակերտներին, ուստի գրավոր տալով՝ սկսեց գնալ-գալ սենյակի լայնությամբ, ապա, մի քանի րոպե անց, նստեց, արմունկները դրեց սեղանի վրա և գլուխն առավ ափերի մեջ։ Նայում էր առջևը դրված տետրակներին այնպես, որ կարելի էր կարծել կարդում է։ Լռություն էր։ Լսվում էր գրչածայրերի ճզճզոցը, որ թվում էր սուր եղունգներով մարմին են քորում, իսկ հարևան սենյակից գալիս էր դասատուի բարակ, ճղճղան ձայնը։ Ռուսաց լեզվի վարժուհին էր, որ դաս էր հարցնում և բարկանում մեկ-մեկ. «Ну, так нельзя!»... Իսկ երրորդ բաժանմունքում աշակերտները շարունակում էին աշխատել գրչածայրերով։ Բարձրացել էր ընդհանուր՝ անորոշ ու խուլ մի աղմուկ՝ նման ճպուռների ձայնին, որ ամառվա ցերեկին լսվում է դաշտում։

Սարոյանը լսում էր այդ բոլորը և կենտրոնացած՝ տետրակին նայում։ Փոքր անց՝ ելավ տեղից. հիշեց Բալյանին, հիշեց նրա հեղինակավոր ու իր համար ատելի շարժումները և սկսեց հուզված անցուդարձ անել։— Ա՛խ, այդ Բալյանը.— իրեն շատ է երևակայում։ Կարծում է իրենից խելոք մարդ չկա աշխարհում... Հենց գիտի մենակ ինքն է Ռուսսո ու Պեստալոցցի կարդում... Կարդալը բավական չէ. հարկավոր է ինքնուրույն ու բնական խելք։ Իսկ նրան— աստված տա... Նա սրա-նրա հասցեին խոսել ու բամբասել գիտե միայն... Հետաքրքրական է իմանալ՝ ի՞նչ էր ասում այդպես խորհրդավոր... Սարոյանը կարծում էր, որ Բալյանն անպայման իր մասին էր պատմում ընկերներին։— Է՛հ, թող ինչ ուզում է պատմի, ո՞վ է նրան բանի տեղ դնում... Բայց արի տես, որ մեր ապուշները հավատում են նրան։ Իսկ ինձ համար նա մի հողմաղաց է, ուրիշ ոչինչ...

Նա կանգնեց լուսամուտի առաջ և մտամփոփ հայացքը սևեռեց հեռուն։— Այո, շատ ուրիշ տեսակն է այդ Բալյանը. հիմա ավագ-ուսուցչի ականջին է հասցրել երևի, թե ինչ է պատահել ինձ... Ավագ ուսուցիչն էլ, երևի, իր տղայական ձևերով, բարեկամական նկատողություն կանի... Վերջապես, նա ի՞նչ իրավունք ունի. ես իմ փողն եմ տարվել, նրան ինչ... Կասի՝ ուսուցիչը և այլն... ու կսկսի ճառել բարոյականության, առաքինության մասին... Իսկ Դանիել Սանթոյանը, Մովսիսյանը և մյուսներն ուսուցիչ չե՞ն, որ ամեն երեկո ակումբում են լինում և միշտ խաղում են... Հենց անցյալ շաբաթ Ցոլակ Պետրոսյանը չտարվե՞ց հիսուն ռուբլի, ինչո՞ւ նրան բան ասող չկա...

Այդ ժամանակ աշակերտներից մեկը հանկարծ ընդհատեց նրա մտածումները.

— Պարոն, Մելիքյանը հանգիստ չի կենում,— բողոքեց նա։— Ինձ ասում է՝ «քոսոտ մոզի», համ էլ թևս ծակեց գրչով։

Սարոյանը մոտեցավ սեղանին։

— Ա՛յ տղա է՛յ, ապուշ, չեն հայհոյի,— հանդիմանեց նա աշակերտ Մելիքյանին, որ գլուխը ամոթից կախել էր կրծքին։— Գործիդ կաց...

Աշակերտները շարունակեցին առաջվա նման թղթերը քորել գրիչներով։ Սարոյանը նայեց նրանց և երկյուղով մտածեց՝ չլինի՞ որևէ բան է ասել բարձրաձայն և աշակերտները լսել են։ Հապա ինչո՞ւ են աշակերտներ Աբելյանն ու Վահունին այդպես նայում իրեն, կարծես զարմացած են։

— Աբելյան, բա՞ն ես ասում։

— Ո՛չ, պարոն։

Դասամիջոցին, երբ Սարգսյանը դուրս եկավ դասարանից, միջանցքում դեմառդեմ հանդիպեց ռուսաց լեզվի վարժուհուն, և անբավականություն զգաց։ Վարժուհին պենսեն քթին ուղղելով՝ դիմեց նրան.

— Պարոն Սարոյան, ձեր ձայնն ինչո՞ւ չէր լսվում։

— Գրավոր էի տվել,— պատասխանեց Սարոյանը կարճ ու, աչքերը կկոցելով, նայեց հեռուն։

— Աա՜,— արտասանեց վարժուհին և ակնոցի ապակիների միջից ուշադիր նայեց Սարոյանի երեսին, ապա շարունակեց իր բարակ, այս անգամ մի տեսակ ցավակից ձայնով։— Բայց դուք հո հիվանդ չե՞ք, պարոն Սարոյան։ Աա՞... Աչքիս մի տեսակ եք երևում. как будто...

Նրա ցավակից, ավելի շուտ կարեկից տոնը դուր չեկավ Սարոյանին։

— Ոչ, հիվանդ չեմ,— դարձյալ կարճ ու չոր պատասխանեց նա, և ուզեց հեռանալ, բայց վարժուհին ասես հասկացավ նրա միտքը ու շարունակեց արագ.

— Ներեցե՛ք, գուցե սխալվում եմ, բայց այդպես եք երևում с виду. Մի տեսակ бледный եք և, как сказать, կարծեք հիվանդ լինեք... Չգիտեմ вправду!...

— Ո՛չ, տիկին, հիվանդ չեմ,— ընդհատեց Սարոյանը վարժուհուն։— Ընդհակառակը, գուցե ձեր աչքին եմ այդպես երևում։

— Ես էլ հենց այդ եմ ասում, որ իմ աչքին մի տեսակ եք երևում,— ավելացրեց վարժուհին ու ետ նայեց։

Եկողը երաժշտության ուսուցիչն էր։ Մոտենալով՝ նա էլ նույն հարցը տվեց Սարոյանին. ինչո՞ւ է տխուր, հիվանդ հո չի՞. ի՞նչ է պատահել արդյոք, որ տրամադրությունը մի տեսակ է։

— Ես Էլ как раз այդ մասին էի հարցնում,— ասաց վարժուհին, պենսնեն նորից ուղղելով։

Սարոյանն, առանց պատասխանելու, փորձող հայացքով նայեց նրանց ու մտածեց, որ Բալյանն անպատճառ պատմել է սրանց, թե ինչ է պատահել իրեն, և այժմ սրանք խորամանկություն են անում հետը, գուցե և ծաղրում են... Նա աշխատեց ժպտալ, ցույց տալու, որ տրամադրությունն այնքան էլ վատ չէ, ինչպես կարծում են։ Թեթև մի ժպիտ, քմծիծաղի պես մի բան երևաց նրա դեմքին ու չքացավ։ Իսկ երաժշտության ուսուցիչը, պատասխան չստանալով, փլվածներս ընկած կուրծքն ուղղելով, հարցրեց կրկին.

— Իսկապես հո հիվա՞նդ չեք։

Սարոյանի հուզումն այս անգամ գագաթնակետին հասավ։ Նա արհամարհանքով նայեց ուսուցչին ու վարժուհուն, և նրան թվաց դարձյալ, որ երկուսի դեմքն էլ թաքնված, զուսպ ծաղր ու հեգնանք են արտահայտում։ Ի՞նչ, դրանք ծաղրո՜ւմ են իրեն... Ուզում են ծաղրել, որ ինքը, իբր թե, այնքան է ազդվել տարված գումարից, որ հիվանդացե՞լ է մինչև իսկ...

— Ինչո՞ւ եք այդպես հետաքրքրվում որ,— խոսեց նա, հուզումից կարմրելով։— Կարծում եք, երևի... Ո՛չ, ներեցեք, այդ Բալյանները կարող են միայն... Իսկ ես մի չնչին գումարի համար՝ երբեք չեմ հիվանդանա, երբե՛ք... Ես հիմար չեմ, ոչ էլ ապուշ։ Շատ լավ ե՛մ հասկանում ձեզ և գիտեմ ո՛վ է հասցրել ձեզ այդ բանը։ Թող Բալյանը միամիտ մնա. ես հիվանդ չեմ և երբեք չեմ հիվանդանա մի քառասուն ռուբլու համար...

Եվ վիրավորված ու հաղթական քայլերով, գլուխը սովորականից ավելի բարձր բռնած, հեռացավ ընկերներից ու մտավ չորրորդ բաժանմունքը։

Ռուսաց լեզվի վարժուհին ու երաժշտության ուսուցիչը զարմացած իրար նայեցին...

1913


«Ջերմաչափը»

Ես մի քիչ ռոմանտիկ բնավորություն ունեմ։ Երբ տխուր, միակերպ կյանքը ձանձրացնում է ինձ, երբեմն նստում-մտածում եմ անցյալի մասին, իմ մանկության ու դպրոցական օրերի մասին։

Այսօր էլ իմ դպրոցական օրերի վրա մտածելով, հիշեցի մեր դպրոցի խոհարար պարոն Կարապետին, այն փոքրիկ ու վտիտ ծերունուն, որ ահագին ազդեցություն ուներ մեր ուսումնարանում։

Մենք՝ աշակերտներս, նրան անվանում էինք «Ջերմաչափ»։ Այդ անունը նա ստացել էր մեր դպրոցի նախորդ սերնդից։ Նրան այդպես կոչում էին այն պատճառով, որովհետև նա՝ իր ֆիզիկականով պարզ որոշում էր տարվա չորս եղանակների փոփոխությունը։ Գուցե շատերին տարօրինակ թվա, թե այդ ինչպես կարող էր լինել։ Սակայն այդպես էր։ Օրինակ, հենց որ աշունը գար, ծառերն սկսեին մերկանալ տերևներից և մշուշը շաբաթներով ծածկեր Արարատի գագաթը, պարոն Կարապետը, ցուրտ զգալով, կսկսեր ուսերն աստիճանաբար բարձրացնել, և մինչև ձմեռնամուտ կհասցներ ականջների մոտ. իսկ երբ գալիս էր իսկական ձմեռը, Արարատյան դաշտի այն կծու ձմեռը, որ եղյամ է կապաւմ մարդկանց բեղերի և հոնքերի վրա, տալով նրանց ծերունու դեր կատարող դերասանի կերպարանք, և լուսամուտների ապակիները զարդարում է բազմապիսի ծաղկանկարներով— այդ ժամանակ պարոն Կարապետի ուսերն այնքան էին բարձրանում, որ նրա փոքրիկ գլուխը թաղվում էր նրանց մեջ։ Սակայն գարունը բացվելուն պես, երբ ուռիներն սկսում էին կարմրել և սարյակների առաջին խմբերն երևում էին բարդիների կատարին, նրա ուսերը հետզհետե իջնում էին նորից և մինչև ամառ բռնում իրենց կանոնավոր դիրքը։ Բայց ամառվան շոգերն սկսվելուն հետ, երբ տաքացած փողոցներում զգացվում էր մի տեսակ վառոդահոտ, պարոն Կարապետի ուսերն սկսում էին իջնել ցած, և մինչև հուլիս նրանք այնքան էին իջնում, որ նրա թևերը, սպանված բադի ոտների պես, ուղիղ կախ էին ընկնում կողքերից։

Ահա՝ այս հատկությունների համար էլ նրան անվանում էինք «Ջերմաչափ»։ Բայց, իհարկե, մեզանից ոչ ոք չէր համարձակվում նրա երեսին տալ այդ անունը։ Մենք նրան դիմում էինք ուղղակի «պարոն Կարապետ» ասելով։

Այս պարոն Կարապետը մի արագախոս ու արագաշարժ ծերունի էր՝ կարճ հասակով և երկար ձեռներով, որոնք մինչև ծնկներն էին հասնում։ Ամուրի լինելու պատճառով, նա դպրոցից դուրս ոչ մի հոգս և մտածմունք չուներ։ Սիրում էր շարունակ խոսել դպրոցի կարգ ու կանոնի մասին, և այնքան շատ էր կրկնում «կարգ ու կանոն» բառերը, որ աշակերտները նրան կպցրել էին մի երկրորդ անուն ևս — «Կարգ ու կանոն»։ Լինելով վանեցի՝ անչափ սեր ուներ վիճելու, վիճում էր այնպիսի բաների մասին, որ երբեք վեճի առարկա չէին լինում։ Կպատահեր, դիցուք, աշակերտներից մեկը կհարցներ, թե ինչու նա կիրակի օրը չի գնում զբոսնելու։ «Ա՜, զբոսնելո՜ւ,— հեգնում էր նա,— իսկ ի՜նչ օգուտ կարելի է ստանալ զբոսնելուց, ասա խնդրեմ...»։ Իսկ եթե հարցնող աշակերտը լինում էր իմ ընկեր գիշերօթիկներից, նա ավելացնում էր.

— Ա՜, զբոսնելու գնամ, որ այստեղ ամեն ինչ տակն ու վրա անե՞ք... Չէ՛, չեք տեսնի...

Եվ, իսկապես, շաբաթներով, ամիսներով նա դուրս չէր գնում դպրոցի դարբասից, վախենալով, ինչպես ինքն էր ասում, որ իր բացակայությունը կարող է խախտել դպրոցի կարգ ու կանոնը։ Նրան միշտ կարելի էր տեսնել կամ խոհանոցում կամ տեսչի տանը (մեր տեսուչն ապրում էր դպրոցի գավթում) կամ թե բակում շրջելիս, ուր վերակացուների հետ միասին հսկում էր աշակերտներին։ Եվ ո՜ր աշակերտի արարքը կարող էր վրիպել նրա սուր աչքերից։ «Կարգ ու կանոնով եղիր,— թափ էր տալիս նա մատն այն աշակերտի վրա, որը երգ էր ասում կամ վազում բակում։— Կարգ ու կանոնով, հասկանո՞ւմ ես, սա դպրոց է, վարժարան, այստեղ պետք է կարգ ու կանոնով լինել»։

«Կարգ ու կանոնը» նրա մեջ, կարծեք, դարձել էր միս ու արյուն, նույնիսկ կերակուրների մասին խոսելիս՝ ասում էր, «կարգ ու կանոնով կերակուրներ», իսկ երբ իր բրդոտ կատվին, որին միշտ թրջած հաց էր ուտեցնում, տեսչի տունը գնալու համար պատժում էր, և մատը թափ տալով կրկնում.

— Կարգ ու կանոնով եղիր, անպիտա՛ն, կարգ ու կանոնով։ Իմացիր ում տանն ես գտնվում։ Ամեն տուն չի կարելի մտնել։

Լինելով դպրոցի խոհարարը, պարոն Կարապետը, առանց մեկի օգնության, ինքն էր եփում բոլոր կերակուրները մեր գիշերօթիկների համար, որից օգտվում էին և՛ տեսուչը իր ընտանիքով, և՛ վերակացուները։ «Կարգ ու կանոնով» առաջնորդվելով նա սեղանատուն էր ուղարկում այնքան քիչ կերակուր, որ քաղցած նստում էինք — սոված վեր կենում։ Սրա համար երբեմն բողոքում էինք մեր վերակացուին, բայց՝ սա միշտ ականջի կողքով էր անցկացնում մեր բողոքը, որովհետև երեկոներն, իր բացակայության ժամանակ, խոհարարը հաճախ փոխարինում էր իրեն։ Ուստի հուսահատված դիմում էինք տեսչին, և երբ տեսուչը բացատրություն էր պահանջում խոհարարից, սա իր փոքրիկ հասակով կանգնում էր տեսչի առաջ և երկար ձեռները կողքից կախած՝ հասկացնում էր տեսչին, թե դպրոցում պետք է «կարգ ու կանոն պահպանել»։ «Կարգ ու կանոնը լավ բան է, պարոն տեսուչ. եթե աշակերտներին շատ կերակուր տանք, նրանք ձեզ չեն լսի. փորձով գիտեմ»։ Եվ, մեր ներկայությամբ, պարոն Կարապետը սովորեցնում էր տեսչին, թե ինչպես պետք է կառավարել դպրոցը, ինչպես աշակերտներին երես չպետք է տալ...

Պարոն Կարապետը հաճախ կատարում էր և վերակացուի պաշտոն։ Բացի բակում աշակերտներին հսկելուց, երեկոները ման էր գալիս գիշերօթիկներիս ննջարանի լուսամուտների տակ՝ տեսնելու, թե ինչով ենք զբաղված։ Երբեմն էլ, երբ վերակացու պ. Միքայելը գնում էր թուղթ խաղալու (այս մենք իմացել էինք մի աշակերտից, որի քեռու հետ էր խաղում), երեկոները պարոն Կարապետն էր մտնում մեր ննջարանը, իմանալու՝ քնե՞լ ենք, վատ գրքեր հո չե՞նք կարդում, կամ վերջապես, «կարդ ու կանոնո՞վ» ենք թե՞ ոչ։ Նա ներս էր մտնում անշշուկ, անձայն, ինչպես դավադիր։ Ննջարանում մոռանում էր իր պաշտոնը և սկսում նկատողություններ անել, բարկանալ.

— Քնեցեք, տղերք, իսկո՛ւյն,— ասում էր, եթե արթուն էինք լինում։

Իսկ եթե արթուն էինք լինում և լամպը վառ թողած՝ նա գլուխն օրորում էր.— «Ինչո՞ւ լամպը չեք քաշում. սա ի՞նչ կարգ ու կանոն է, ա՛յ-ա՛յ-ա՛յ»։ Եթե մեկիս վերմակը ծռված էր լինում, նա բոլորովին վերցնում էր այն ու նորից խնամքով ծածկում, կարծելով թե դա շա՜տ հաճելի է մեզ, և զարմանում էր, որ շնորհակալ չենք լինում։

Ընդհակառակը, մենք բոլորս ատում էինք նրան։ Ատում էինք և վախենում միաժամանակ։ Եվ ոչ միայն մենք՝ գիշերօթիկներս դպրոցում ամենքը (բացի տեսչից, որի տանը ձրի ծառայում էր նա) ատում էին նրան և վախենում միաժամանակ։ Ուսուցիչները նրա հետ չէին խոսում, վերակացուները խուսափում էին նրանից։ Պատմում էին, թե տեղեկություններ է հավաքում ուսուցիչների վարած կյանքի մասին և նրանց գաղտնիքները հաղորդում տեսչին։ Պատմում էին նաև, որ տեսուչը նրա խորհրդով է վարվում։ Թե որքան ճիշտ էր այդ բոլորը — դժվար է ասել։

Բայց ամենից շատ նրան ատում էինք մենք՝ գիշերօթիկներս, սակայն վախից չէինք կարողանում արտահայտվել և բավականանում էինք միայն նրանով, որ խոհանոցի մրոտած պատերին կամ օջախի չուգունի երեսին գրում կինք կավիճով.

«Չափ-չափ-չափ — Ջերմաչափ»։

Մեր այս արարքը, հարկավ, անպատիժ չէր մնում։ Խոհարարը սաստիկ բարկանալով՝ ամենից առաջ պակասեցնում էր կերակուրները, հետո զեկուցում էր տեսչին անկարգ աշակերտների մասին և սաստկացնում գիշերային հսկողությունը ննջարանի լուսամուտների տակ, որտեղից երբեմն երևում էին նրա պրպտող աչքերը, որոնք հիշեցնում էին պատի ճեղքերից նայող մկների, որ այնքան զգույշ են լինում և այնպես ուզում են ամեն ինչ տեսնել։

Մի անգամ, սակայն, նրա հսկողությունը սաստիկ վրդովեց գիշերօթիկներիս։

Մի երեկո, երբ վերակացու պ. Միքայելը դարձյալ գնացել էր թուղթ խաղալու, պարոն Կարապետը, ինչպես միշտ, անձայն, անշշուկ մտավ ննջարան։ Բոլորս լսում էինք մեր ընկեր Աբելյանի ընթերցումը։ Նա կարդում էր Զոլայի վեպերից մեկը։ Դռան բացվելու ձայնը լսելուն պես՝ նա գիրքը դրեց բարձի տակ և վերմակը քաշեց գլխին։ Պարոն Կարապետը ոտների ծայրերի վրա, աչքերը պրպտելով անցավ մահճակալների արանքով և կանգ առավ աշակերտ Աբելյանի մահճակալի մոտ։ Մենք ձևացրինք, թե քնած ենք։ Նա մի րոպեի չափ նայեց Աբելյանին և ապա, ավելի մոտենալով, նրա բարձի տակից հանեց Զոլայի գիրքը և բացականչեց.

— Ա՛հ, դուք այստեղ հեղափոխական գրքեր եք կարդո՜ւմ։

Աբելյանը վեր թռավ տեղից։

— Դա հեղափոխական գիրք չի, պարոն Կարապետ,— ասաց նա հուզված և փորձեց գիրքը խլել խոհարարի ձեռից։

Բայց խոհարարը, պահպանիչ ասող քահանայի նման, գիրքը երկու ձեռով բարձրացրեց գլխից վերև։

— Լա՜վ կարգ ու կանոն է,— շարունակեց նա,— էլ ի՛նչ ասել կուզի... Ի՞նչ է, դուք ուզում եք այստեղ հեղափոխությո՞ւն սարքել... Լա՜վ, շա՛տ լավ...

— Դա հեղափոխական գիրք չի, պարոն Կարապետ,— ձայն տվին աշակերտներն իրենց անկողիններից։

— Հապա՛, հապա ինչ զահրումար է, որ հեղափոխական չի։ Մի՞թե չեմ տեսնում, ինչ տեսակ կազմ ունի։

— Սա Զոլայի գիրքն է, պարոն Կարապետ, Զոլայի,— կրկնում էր Աբելյանը և նորից փորձում գիրքը խլել։

— Ա՜հ, Զոլայի՜,— չարախնդաց խոհարարը, գիրքը ավելի բարձրացնելով։— Գիտե՛մ, գիտե՛մ ո՛վ է այդ Զոլան. նա ինքն ամենամեծ հեղափոխականն է, ամենամեծ սրիկան։ Ճանաչում եմ ձեր այդ Զոլային, ճանաչում եմ... Բանտը քիչ է նրան...

— Զոլան գրող է, պարոն Կարապետ,— ասում էր Աբելյանը և գիշերային շապիկով պտտվում խոհարարի շուրջը։— Գրող է, հեղափոխական չի...

Նույնը կրկնում էին և աշակերտներն իրենց մահճակալներից, բայց պարոն Կարապետը քմծիծաղ էր տալիս միայն։

— Գիտե՜մ ի՛նչ գրող է. գիտե՜մ...

Կարճ միջոցում աշակերտները, միայն գիշերային շորերը հագներին, շրջապատեցին խոհարարին և աշխատեցին գիրքը խլել նրա ձեռից։ Որքան շատ էին հոգ տանում գրքի մասին, այնքան ավելի պարոն Կարապետը կասկածում էր, որ գիրքն անպատճառ հեղափոխական գիրք է, ուստի և ավելի էր բարձրացնում այն։ Մեկ էլ, հանկարծ, մի զարմանալի ճարպկությամբ, նա գիրքը կոխեց ծոցը և, ձեռքերը կրծքին դնելով, գոռաց.

— Տեղնե՛րդ, անպիտաններ։ Կարգ ու կանոնով եղե՛ք...

Տեսչի երկյուղից և սկանդալից խուսափելու համար քաշվեցինք մեր տեղերը, իսկ պարոն Կարապետն իր ավարով հաղթական, արագ-արագ գնաց դեպի դուռը։ Շեմքի մոտ՝ նա երեսը շրջեց դեպի մեզ և սպառնաց մատը թափ տալով.

— Սսյասեցե՛ք, ըմբոստներ, սպասեցեք. ցույց կտամ ձեզ կարգ ու կանոնը...

Ու դուռն ամուր շրխկացնելով՝ անհետացավ։

Լուսամուտներից նկատեցինք, որ գնաց տեսչի տուն։

Տեսչի առանձնասենյակում լույս էր վառվում։

Օ՛հ, ինչ օր էր այդ։ Մեր ննջարանից քանի՜-քանի՜ գլուխներ ու բռունցքներ էին թափահարվում նրա ետևից և ատամներ կրճտում անզորությունից։

Ինչպես և սպասում էինք, հետևյալ օրր մեր ճաշն ավելի պակասեց, իսկ տեսուչը խիստ նկատողություն արավ մեզ. «Ինչ բան է, աշակերտ մարդիկ, փոխանակ դաս սովորելու, սիրային վեպեր եք կարդում, խոհարարին ծեծում ննջարանում և դուրս գցում»։

— Մի՞թե չեք ամաչում,— ավարտեց տեսուչն իր ճառը, բարկացած աչքերը հառելով մեզ վրա։

Իզո՜ւր աշխատեցինք պաշտպանվել. իզո՜ւր փորձեցինք համոզել, թե խոհարարին չենք ծեծել.- մեզ ոչ ոք չէր լսում, մեզ ոչ ոք չէր հավատում։

Դեպքն այնպես վրդովեց գիշերօթիկներիս, որ սկսեցինք հնար մտածել խոհարարից վրեժ առնելու։

Ինչե՜ր ասեք չի հնարում վիրավորված դպրոցականի գլուխը, մանավանդ գավառում։ Է՛լ աղետ, է՛լ հիվանդություն չմնաց, որ չցանկանայինք մեր խոհարարին։ Աբելյանը, որ ամենից տուժողն էր, առաջարկում էր սպանել խոհարարի սիրելի կատվին. մի ուրիշ աշակերտ խորհուրդ էր տալիս գողանալ խոհարարի գլխարկն ու կոշիկները և գցել մի փոսի մեջ։ Այսպես՝ ամեն մեկը մի բան էր ասում, երբ, վերջապես, չորրորդ դասարանի մի աշակերտ առաջարկեց՝ խոհարարին տեսչի աչքում վարկաբեկելու համար, թաքուն աղ լցնել կերակուրների մեջ։

Առաջարկը բոլորին դուր եկավ։ Աշակերտները հորթի պետ ուրախացան։ Վերջապես, վերջապես, գտնվեց մի միջոց անպիտան խոհարարին պատժելու,— մտածում էր ամեն մեկն այդ րոպեին։ Բայց ո՞վ կկատարի այդ հանդուգն քայլը։

— Ես,— բացականչեց Աբելյանը կարմրած։— Ես... Այդ բանը թողեք ինձ...

Ժամանակը ձմեռ էր. լուսամուտների ապակիները սառույց էին բռնել, եղյամը երևում էր մարդկանց դեմքի մազերի վրա և բրդե թելի կտորների նման խաղում օդի մեջ։ Պարոն Կարապետի գլուխն արդեն թաղվել էր ուսերի արանքում։ Մի ամբողջ շաբաթ դպրոցը պատրաստվում էր Վարդանանց տոնի օրը հանդես կատարելու, որին հրավիրված էին եպիսկոպոսը, քաղաքագլուխը և մի բանաստեղծ, որ մի ոտանավոր էր նվիրել մեր դպրոցին։ Աբելյանը հանդեսի պատրաստությանը չէր մասնակցում. նա վերարկուի օձիքն ականջներին քաշած, ազատ ժամանակը շարունակ պտտվում էր խոհանոցի մոտերքը, կարծես ուսումնասիրում էր մուտքը, հարմարությունները, բայց խոհանոց չէր մտնում, որովհետև պարոն Կարապետը, ցրտի պատճառով, խոհանոցից չէր հեռանում...

Վերջապես եկավ հանդեսի օրը։ Խոհարարն առավոտից մեծ պատրաստության մեջ էր, որովհետև հանդեսից հետո լինելու էր ճաշկերույթ։ Եկել էին բոլոր հրավիրված մարդիկ. քաղաքագլուխը, բանաստեղծը, եպիսկոպոսը և երկու վարդապետ, որոնք իրար այնքան էին նման, ինչպես երկվորյակները։

Դպրոցի բեմը զարդարված էր գորգերով և գույնզգույն թղթերով։ Տեսչի ճառից հետո խոսեց և եպիսկոպոսը «մեր փառավոր նախորդաց» մասին և էլի մի երկու հոգի։ Ապա սկսվեց երգն ու արտասանությունը։

Հանդեսը վերջանալու վրա էր, երբ դահլիճ մտավ և պարոն Կարապետը. նա հագել էր իր տոնօրյա զգեստը — սև, երկար կապան, իսկ վզին փաթաթել էր մի կարմիր թաշկինակ։ Դահլիճի տաքության շնորհիվ նա ուսերն իջեցրել էր մի փոքր և սաստող հայացքով նայում էր աշակերտներին, կարծես ուզում էր ասել. «կարգ ու կանոնով եղեք, անպիտաննե՜ր, հյուրեր կան այստեղ»։ Նրա երևալուն պես՝ Աբելյանը չքացավ հանկարծ և մի քանի րոպեից նորից հայտնվեց այլայլված, կարմրած այտերով։

Հանդեսից հետո սկսվեց ճաշը։ Թե հյուրերը, թե ուսուցիչները և թե աշակերտները մի սեղանատանն էին։ Գլխավոր սեղանի գլխին տեղ էր բռնել եպիսկոպոսն իր թիաձև միրուքով. նրա աջ և ձախ կողքերին՝ վարդապետները, հետո քաղաքագլուխը՝ իր դեղին շղթան վզին, տեսուչը, բանաստեղծը և ուսուցիչները կարգով։ Մեր՝ աշակերտներիս՝ սեղաններն առանձին էին. բայց, չնայած դրան, մենք ուշադրությամբ հետևում էինք մեծերի զրույցին։ Մինչև կերակուրի բերելը սրբազանը պատմում էր սեղանակիրներին, թե ինչպես մի անգամ, մանուկ ժամանակ, ձին քարի է տվել իրեն և ինչպես ինքն ուշաթափվել է հարվածից... Սեղանակիցները մեծ ուշադրությամբ հետևում էին սրբազանի զրույցին և ոչ ոք չէր համարձակվում որևէ խոսքով ընդհատել նրան։ Երբ սպասավորները կերակուրը բերին— խոսակցությունը իսկույն դադարեց։ Հայր սրբազանն սկսեց միրուքը շփելով սեղանն օրհնել։ Ոչ ոք կերակուրին չմոտեցավ, մինչև որ եպիսկոպոսն ինքը չճաշակեց ամենից առաջ։ Եվ քանի որ մեր կերակուրը չէին բերել, մենք շարունակ՝ աչքի տակով՝ հետաքրքիր նայում էինք հյուրերի կողմը։ Ամենից շատ մեզ գրավում էր բանաստեղծն իր երկար մազերով... Երբ սրբազանն արծաթե գդալով կերակուրը տարավ բերանը, նա դեմքը խոժոռեց՝ փռշտալ պատրաստվողի նման։ Եվ զարմանք բան. նույնպես՝ առաջին գդալից հետո դեմքերը խոժոռեցին թե՛ վարդապետները, թե՛ քաղաքագլուխը, թե՛ բանաստեղծն ու ուսուցիչները. իսկ տեսուչը գունատվեց. գունաթափվեցին և մի քանի ուսուցիչներ։ Բայց ոչ ոք ոչինչ չէր խոսում։ Եվ առաջինը դարձյալ եպիսկոպոսն եղավ, որ խզեց լռությունը։

— Ինչպես երևում է,— ասար նա ծանր ու միրուքը շփելով,— ձեր խոհարարը մի քիչ այնպես... աղը շատ է արել...

— Այո,— գլխով արին վարդապետները։— Մի քիչ այնպես...

Բանաստեղծն ու քաղաքագլուխը լուռ մնացին։

Այս անգամ տեսուչն ավելի գունատվեց։ Այդ րոպեին նա հիշեցնում էր քննություն տվող աշակերտի, որ տրված հարցերին չի կարողանում պատասխանել։ Ուսուցիչները լուռ նայում էին նրան, իսկ նա մեղավոր հայացքով նայում էր հյուրերին և կարծես ուզում էր ասել՝ «Ներեցեք»...

Խե՜ղճ տեսուչ... Այդ միջոցին որքա՛ն ողորմելի էիր դու քո անունով, քո ակնոցով և սեպաձև միրուքով։

Անհարմար լռությունը խզեց դարձյալ եպիսկոպոսը.

— Ոչինչ, ոշինչ. թողեք մյուս կերակուրներիդ բերեն...

Ճաշն անրավ լուռ, հանդեսի բարձր տրամադրությունը բոլորովին ընկավ։ Ամենքն էլ աշխատում էին ցույց տալ, որ պատահածը ոչինչ բան է, բայց նրանց շարժուձևերը, հայացքը մատնում էին նրանց։

Ամենից անհանգիստ էր տեսուչը. նա շարունակ կրծում էր ներքևի շրթունքը։ Դա արդեն ապացույց էր, որ սաստիկ բարկացած է։

Աբելյանը հասել էր իր նպատակին, որի տխուր հետևանքը, հարկավ, չէր նախատեսել։

Հենը մյուս օրը խոհարարն արձակվեց պաշտոնից։

Որքան էլ նա աշխատում էր համոզել տեսչին, վերակացուներին, թե անմեղ է, բայց հիմա էլ նրան չէին հավատում...

Երբ նա, իրերը հավաքած, կատուն գրկած, անցնում էր դպրոցի բակով, լալիս էր։ Սակայն աշակերտներից և ոչ մեկը չզգացվնց նրա արցունքներից։

— Կերթամ,— ասաց նա դարպասի մոտ երեսը դեպի դպրոցը դարձնելով,— կերթա՜մ ուրիշ տեղ խոհարար կլինեմ, բայց վախենում եմ, որ այս դպրոցի կարգ ու կանոնը խախտվի...

Ու գնաց ծեր, փոքրիկ գլուխն ուսերի մեջ խրած։

Նրա գնալուց հետո, դպրոցի «կարգ ու կանոնը» խախտվեց նրանով, որ փոքրիկ աշակերտներն ազատ շրջում էին բակում, ծիծաղում էին առանց վախի, իսկ մենք՝ գիշերօթիկներս, երբեմն երգ էինք ասում մեր տխուր ննջարանում։

Խե՜ղճ «Ջերմաչափ»... Արդյոք որտե՞ղ ես հիմա։

Ես այժմ պատրաստ եմ ամեն ինչ ներել քեզ...

1916


Կատակ

Այն ամառանոցը, ուր պատահել է այս դեպքը, այնքան փոքր է, որ աշխարհագրական մեծ քարտեզում ասեղի ծայրի չափ տեղ էլ չի բռնում և անունը նույնիսկ չի հիշվում։ Հենց այդ պատճառով ես նույնպես չեմ ուզում հիշել նրա անունը. միայն այսքանը կասեմ, որ նրա բնակիչները՝ ունևորից սկսած մինչև չունևորը, մեծ մասամբ կառապաններ են և փոստային կայարանների վերակացուներ։ Բայց, որովհետև, երկաթուղիների պատճառով, փոստային կայարաններից շատերը վերացել են արդեն, այդ կառապանների և վերակացուների մի մասն այժմ զբաղվում է՝ ամառը կաղամբ ու գետնախնձոր ցանելով, իսկ ձմեռը՝ բամբասանքով (որ կատարվում է օղետներում) ու դատարաններին գանգատ ներկայացնելով (որոնք առավելապես լինում են անցած տարում արածեցրած արոտների, կորած խուրձերի, գողացված հորթերի և խոճկորների մասին)։

Կյանքն այդ ամառանոցում անցնում է միակերպ, ձանձրալի՜, տխո՜ւր... Այնպես որ, երբ նրա բնակիչները լսում են փոստային սայլակի զանգակների հեռավոր զնգզնգոցը, կամ երբ տեսնում են, որ փողոցով անցնում է մի կակարդավոր, պսպղուն կոճակներով պաշտոնյա, մեծ ու փոքր դուրս են թափվում տներից ու խանութներից կամ, գլուխները լուսամուտներից հանելով, հետաքրքիր ու խուզարկու աչքերով դիտում են այդ նոր երևույթը։

Բայց, պիտի խոստովանել, որ այդ ամառանոցի ջուրը թեթև է, ձուն էժան, օդը՝ կազդուրիչ ու կենարար։ Այդ պատճառով էլ այնտեղից միշտ անպակաս են ամառողները։

Այս հռչակավոր ամառանոցում կա (ես ենթադրում եմ, որ նա հիմի էլ կա, որովհետև նա այդպես շուտ չէր կարող մեռնել) մի, ոչ պակաս հռչակավոր, ամառանոցատիրուհի, որ այնտեղ հայտնի է «Պառավ Կատարինե» անունով։ Դա մի այրի կին է և մի զավակի մայր, որը սիրում է ամեն օր պատմել միևնույն բաները, թե որպիսի՛ մարդիկ են եղել անցյալ ամառ իր տանն ապրողները, թե ինչպե՛ս ինքը մի անգամ տեսել է հայոց կաթողիկոսին, որ իրեն «մայրիկ» է ասել, և որի սպիտակ միրուքի մեջ ձավարի հատիկներ են եղել։ Այս ամենի մասին պատմելիս՝ նա բաց չի թողնում և ոչ մի մանրամասնություն։

Մի տարի այս պառավ Կատարինեի տանը ապրում էինք չորս հոգի ամառողներ։ Մեկը մի ջահել այրի էր, մի իսկական գեղեցկուհի, որին պատկերելու համար շատախոս վիպասանը կարող էր նվիրել առնվազն տասն երես նկարագրություն, բայց ես կբավականանամ միայն երկու խոսքով. նա նման էր Դեզդեմոնային. ման էր գալիս միշտ սևեր հագած և միշտ սպիտակ, շնիկը հետը։ Երկրորդը՝ բաքվեցի մի ամուրի հաշվապահ էր, որ սիրում էր խոսել իտալական կրկնակի հաշվապահության մասին և նույնիսկ ճաշի միջոցին հովանոցը միշտ կողքին էր պահում, երրորդը՝ ընկերս էր, որ մասնակցում էր ամառանոցում գտնվող դերասանի ներկայացումներին, և միշտ շվոցներ էր վաստակում. իսկ չորրորդը՝ ես, որ, պարապ լինելով, ձուկ էի որսում գետում։

Ես ու ընկերս ապրում էինք մի սենյակում, պառավի բնակարանի աջ կողմը, հաշվապահը՝ ձախ, իսկ ջահել այրին՝ առանձին բնակարանում, մեր սենյակների դիմաց, իր տարեց աղախնի հետ միասին, որը միևնույն ժամանակ և՛ խոհարարուհի էր, և՛ բարապանուհի, և՛ լվացարար, և՛ վերջապես, դերձակուհի (նա կարում էր տիրուհու սպիտակեղենը)։

Ջահել այրին իր գեղեցկությամբ ամառանոցում ստեղծել էր երկրպագուների մի խայտաբղետ բանակ, որին սակայն ոչ մի ուշադրության չէր արժանացնում և ամեն տեսակի անպարկեշտ ու սիրազեղ հայացքների հանդեպ՝ միշտ իր շնիկին էր շոյում ու գգվում։ Իսկ ընկերոջս և ինձ նայում էր այնպես, ինչպես նայում են հեռագրաթելերի սյուներին կամ անթիվ անգամ տեսած արձաններին, և մեր հարգալիր բարևներին կա՛մ չէր պատասխանում, կա՛մ պատասխանում էր այնպես, ինչպես գեներալը զինվորներին։

Սակայն, մի առանձին վերաբերմունք էր ցույց տալիս դեպի հաշվապահը, որ, ճիշտն ասած, գրգռում էր մեր նախանձը։

Ամեն անգամ, երբ հաշվապահը, խոր գլուխ տալով, բարևում էր նրան, այրին ժպտում էր դեմքովը մեկ և գլուխը մտերմաբար շարժում մի քանի անգամ։ Մենք այս բանը բացատրում էինք նրանով, որ ջահել կինն ատում է կնամեծար և կնորս մարդկանց, իսկ դեպի հաշվապահը սիրալիր է նրա համար, որովհետև վերջինս հասակավոր է (նա կլիներ մոտ հիսուն տարեկան), չունի հանդուգն ու ցինիկ դեմք, և այրին նրան ընդունում է հոր տեղ ու հարգում։

Այլ կերպ դժվար էր բացատրել, որովհետև անկարելի էր կարծել, թե ջահել կինը համակրում է հաշվապահին, որը մի տգեղ և, եթե կարելի է ասել, խունացած մարդ էր։ Չմոռանամ հիշել, որ ամառանոցում նրան «ճապոնացի» էին անվանում, և այդ նրա համար, որովհետև իր կարճ հասակով, բրոնզագույն դեմքով, պաճո քթով և փոքրիկ ու երեսի մեջ թաղված նեղ աչքերով հիշեցնում էր իսկապես ճապոնացու։ Բացի դրանից, նա լռակյաց ու սակավախոս մարդ էր, ճաշի ժամանակ (ես, ընկերս և հաշվապահը ճաշում էինք տանտիրուհու սեղանից, նրա հետ միասին) ունեցած մեր զրույցներին նա գրեթե չէր մասնակցում, և եթե երբեմն մի բան ասում էր, նրա խոսքը, չգիտեմ ինչու, միշտ վերջանում էր նրանով, թե մարդկանց համար որքան մեծ և օգտակար գիտություն է իտալական կրկնակի հաշվապահությունը և թե ինքը քանի շաբթումն է սովորել դա։

— Սովորելը մի քիչ դժվար է, բայց օգուտը մեծ,— ավարտում էր նա իր խոսքն ամեն անգամ և խորհուրդ էր տալիս մեզ՝ ինձ, ընկերոջս և տանտիրուհուն սովորել այդ օգտակար գիտությունը, որովհետև առանց դրան մեր հաշիվների մեջ անթիվ սխալներ կարող ենք անել։

* * *

Նա, ինչպես ասացի, ամուրի էր և մոտ հիսուն տարեկան. երիտասարդ ժամանակից, ինչպես ինքն էր ասում, հաշվապահի պաշտոնով մտել էր նավթարդյունաբերական մի ֆիրմա և մինչև այդ տարիքը ծառայել էր այնտեղ՝ քաղաքից երբեք դուրս չգալով, նա պարծանքով էր հիշում, որ պաշտոնից մի օր չի բացակայել և միայն հիմա է, որ բժիշկների խորհրդով եկել է ամառանոց։ Իր պաշտոնին այնպես էր վարժվել, որ ամառանոցում էլ, որոշ ժամերի, նստում էր սենյակում և ինչ-որ հաշիվներ տեսնում։ Իսկ մնացած ազատ ժամանակը կանգնում էր պատշգամում և շարունակ գաղտուկ հայացքներ նետում դեպի ջահել այրու բնակարանը։ Եվ երբ տեսնում էր այրուն՝ տնից ելնելիս կամ պատշգամ դուրս գալիս, խոր գլուխ էր տալիս նրան և արժանանում պայծառ ու դուրեկան ժպիտի։ Պատահում էր երբեմն, ճաշի միջոցին, նա կողմանակի խոսք էր գցում այրու մասին և հարցնում տանտիրուհուն, թե ո՞վ է նա, որտեղացիո և թե որքա՞ն ժամանակ պիտի ապրի ամառանոցում։ Պառավն ասում էր՝ ի՛նչ գիտեր։ Իսկ նա, այդ պատասխաններից կարծես չբավարարված, նորից նայում էր դեպի այրու լուսամուտը, ուր երբեմն երևում էր ջահել կինը՝ շնիկը գրկին կամ մի որևէ պատկերազարդ ժուռնալ ձեռին։

Հաշվապահի բոլոր շարժումներից, արտահայտությունից ես և ընկերս նկատում էինք, որ նա անտարբեր չէ դեպի այրին, և նրա սիրալիր վերաբերմունքն այդ կերպ է ընդունում։

Եվ չէինք սխալվում։

Մենք, որ նույնպես անտարբեր չէինք դեպի ջահել կինը և միշտ, առիթով կամ անառիթ, նայում էինք նրան և նրա բնակարանի կողմը, վերջին օրերը մի քանի անգամ իրար վրա տեսնում էինք, որ այրու ննջարանի լուսամատում վաղ առավոտյան դրվում է մի մեծ ծաղկեփունջ՝ կազմված գույն-գույն վարդերից և ամառանոցի միակ այգեպանի ծաղկանոցում միայն գտնվող քրիզանթեմ, լալազար, զանգակ և այլ ծաղիկներից։

Մենք հաստատ գիտեինք, որ ծաղկեփունջն այրին ինքը չի դնում իր լուսամուտը, որովհետև ամեն անգամ ծաղկեփունջը տեսնելիս՝ նա սառը դեմքով հրամայում էր աղախնուն հեռացնել այն։ Նրա դեմքից պարզ երևում էր, որ այնքան էլ գոհ չէ այդ բանից։ Եվ երևի այդ էր պատճառը, որ նա, կարծելով թե փունջը ես կամ ընկերս ենք դնում իր լուսամուտը, այլևս ոչ նայում էր մեզ վրա, ոչ էլ պատասխանում մեր բարևին։

Պետք է ասած, որ այս բանը սաստիկ վշտացնում էր մեզ, և այդ պատճառով հետաքրքրվում էինք չափազանց, թե ո՞վ, այդ ո՞ր հանդուգն է ծաղկեփունջ դնում օտար լուսամուտ, ուրիշ մարդկանց գցում կասկածի տակ ու ինքը թաքնվում վախկոտի պես։

Զարմանալի բան է. մտածում ես երբեմն, թե սիրահարները մի՞թե չեն կարող առանց ծաղկի սեր հայտնել։ Սիրահար մարդը, ո՛վ էլ նա լինի՝ շինական թե քաղաքացի, միշտ տեսնում եք սիրո մեջ ծաղիկ է խաղացնում։ Ծաղիկն ի՞նչ գործ ունի այդտեղ, մտածում ես... Բայց ոչ. ծաղկի մեջ, կարծես, մի ուրիշ բան կա, մի ինչ-որ կախարդական ու հմայիչ զորություն... Թվում է թե՝ այն, ինչ չի կարող հայտնել լեզուն, այն, ինչ չի կարող ասել սիրտը, այդ ամենը կարելի է հայտնել և ասել միմիայն ծաղկով... Մի հեքիաթ կա, որ ասում է, թե սերը աշխարհի գութն է, ծաղիկը նրա ժպիտը, և թե սերն ու ծաղիկը ծնվել են միասին, մի նյութից, ստեղծագործության առաջին օրը։

Սակայն թողնենք ռոմանտիզմը։

Ո՞վ պետք է լիներ, վերջապես, այդ սենտիմենտալ մարդը, որ իր սերը ծաղկով և գիշերներով էր հայտնում։

Մենք ենթադրում էինք, որ դա ռոմանտիկ վեպեր կարդացած մարդ պետք է լինի, որը, նրանց ազդեցության տակ, իր սերը հայտնելու միակ միջոցը ընտրել է ծաղիկը և գիշերը։

Բայց սխալվում էինք։

Զանազան ենթադրություններ անելուց հետո, որոշեցինք իմանալ ո՞վ է ծաղկեփնջի անհայտ ասպետը։ Նախ մտածեցինք գնալ ծաղկապահի մոտ և հարցնել ո՛վ է իրենից գնում այսինչ տեսակի ծաղիկները, բայց հետո ավելի լավ համարեցինք գիշերը հանգցնել մեր սենյակի լույսը և արթուն հսկել, տեսնելու, թե ո՛վ է մոտենալու ջահել կնոջ լուսամուտին։

Այդպես էլ արինք։

Վաղ երեկոյան լույսը մարեցինք և, խավարում նստած, աչքերնիս հառեցինք «դյութական Թամարի դղյակի» կողմը։

Թեև լուսին չկար, բայց լուսամուտներից ընկնող լույսերով կարելի էր տեսնել և ճանաչել եկողին։

...Բավական ժամանակ անցավ, ոչ ոք չերևաց։ Ամառանոցի երաժշտախումբը լռեց, քիչ հետո լսեցինք, թե ինչպես ամառողները հնչուն ծիծաղով փողոցներով ցրվեցին իրենց տները. ռոտոնդից եկավ և այրին. թափանցիկ վարագույրների միջով տեսանք, թե ինչպես հանվեց, հանգցրեց ճրագն ու քնեց։

Անցավ մի երկու ժամ ևս, դարձյալ՝ ոչ ոք։ Սկսեցինք հուսահատվել ու ձանձրանալ, կարծելով թե արդեն ուշ է և այս գիշեր այլևս չի կրկնվի ծաղկեփնջի նվիրաբերությունը։ Ու այն է՝ քիչ էր մնում հանվեինք պառկելու, մեկ էլ մեր ականջին հասավ գաղտնի քայլերի ձայն։ Մենք սրեցինք մեր տեսողությունը և փոքր հետո՝ նկատեցինք, որ մեկը շուրջը նայելով, ինչպես դավադիր, և զգույշ, որպես գող, լայն քայլերով, ձեռին ինչ-որ բռնած՝ մոտեցավ այրու լուսամուտին։ Եվ որովհետև նա քայլում էր անբնական քայլերով և թիկունքը մեզ դարձրած, մենք չճանաչեցինք նրան։

Լուսամուտին մոտենալով՝ այդ տարօրինակ մարդը, այդ գիշերաշրջիկ ասպետը, իր ձեռքի բանից, որ ըստ երևույթին ծաղիկն էր, հոտ քաշեց, հետո ուղղեց այն և ապա, ոտքերի ծայրերի վրա կանգնելով, դրսից դրեց լուսամուտի գոգը։

Այս արարողությունը կատարելուց հետո նա, երեսը լուսամուտին դարձրած, մի քանի քայլ ետ գնաց ու կանգ առավ։

Ապա, մի երկու վայրկյան լուսամուտին նայելուց հետո, նա ձեռքերը գրպանը կոխեց և անմեղ ձևով, կարծես ոչինչ չէր արել, քայլերն ուղղեց դեպի մեր պատշգամը։

Եվ այդ ժամանակ, կարո՞ղ եք երևակայել, թե ո՞ւմ տեսանք... Հաշվապահին։

Այս ամենից հետո, այդ նույն գիշերը մենք, կատակի համար, որոշեցինք և հետևյալ օրը այրու կողմից հաշվապահին գրեցինք մի կարճ, շատ կարճ նամակ, որի մեջ ջահել կինը իբր թե հայտնում էր հաշվապահին, որ ինքը շատ զգացված է թարմ, ցողալի ծաղկեփնջից և նրա նվիրական սիրուց, ու խնդրում է նրան մյուս օրը, երեկոյան բարեհաճել իր մոտ՝ «մի բաժակ թեյի»։

Նամակը գրեցինք բարակ ու մանր տառերով, ջանալով ամեն կերպ ձեռագիրը նմանեցնել կնոջ ձեռագրի, որ կասկածի տեղիք չտանք, թեև վստահ էինք, որ հաշվապահն այնքան էլ նրբամիտ չէ, որ կարողանա ձեռագրերը տարբերել իրարուց։

Նամակը փոստարկղը գցելով՝ սպասում էինք, որ հետևյալ օրը կստեղծվի մի շատ զավեշտական դրություն և առիթ կտա անսպառ ծիծաղի, սակայն...

Ես խղճի խայթ եմ զգում։

* * *

Նամակը գրելու հաջորդ օրը, չգիտեմ ինչպես էր պատահել, հարևան որսորդի շունը խեղդել էր մեր տանտիրուհու հավերից մեկը. այդ պատճառով խեղճ պառավը, վշտից ճաշն ուշացրած լինելով, շարունակ «ներողություն» էր խնդրում և, խոհանոց մտնելով ու դուրս գալով, հուղարկավորի դեմքով պատմում էր մեզ դեպքի մանրամասնությունը, երբ եկավ մեր ճաշընկեր հաշվապահն իր անբաժան հովանոցը ձեռին։

Նա անսովոր ուրախ էր երևում։ Սեղանի քով իր տեղը բռնելով՝ նա ժպիտը դեմքին հարցրեց մեր առողջությունը, մի բան, որ երբեք չէր արել, և ապա հանաքով նկատողություն արավ տանտիրուհուն՝ ճաշն ուշացնելու համար։

Տանտիրուհին էլ կարծեք հենց այդպիսի մի բանի էր սպասում, որ հավի պաամությունը նորից սկսի։

Նա նախ «ներողություն» խնդրեց հաշվապահից, որ ճաշը ուշացել է, հետո բացատրեց, որ այդ բանում մեղավորը բնավ ինքը չէ. մեղավորն այն «անտեր շունն է, որ այս փորձանքը բերեց իմ գլխին»։

— Որ իմանաս ի՜նչ տեսակ հավ էր, լացդ կգա,— շարունակեց նա տխրությամբ, հաշվապահին դիմելով,— օր չէր անցկացնում, որ ձու չածեր. տարենը երկու անգամ թուխս էր նստում. մի հատ ձուն ի՞նչ է, չէր փչացնում... Մի ուրիշ, ուրի՜շ տեսակ հավ էր. ինքը գալանցկի (հոլլանդական), ձվերը մե՜ծ-մե՜ծ։ Կովի հետ չէի փոխի...

Եվ պառավը պատմեց, թե ի՛նչ օգուտ է տվել այդ հավն իրեն և թե ո՛ւմից է առել ու ի՛նչ գնով։ Հավը նա գնել էր մի հույնից կես փութ խնձորով, հույնը չէր տալիս, աղաչեց-խնդրեց, նոր միայն զիջեց և հիմի «սև գրողի տարած» հարևանի շունը խեղդեց ու թողեց։

— Սրանով էդ անտերը երկու հավ է խեղդում ինձանից,— ավարտեց նա պատմությունը.— երկուսն էլ, գալանցկի... Հիմա որ սուդը գանգատ տաս, կասեն Կատարինեն հավի համար գանգատ է գնում...

Խոսելով, պառավը միևնույն ժամանակ շերեփը ձեռքին խոհանոց էր մտնում, դուրս գալիս, սեղանի երեսը ծածկում և հավերին կանչելով համրում մեկ-մեկ։

Ես և ընկերս ձևացնում էինք, թե վշտակցում ենք պառավին, բայց գաղտուկ դիտում էինք հաշվապահի մշտապես մռայլ դեմքի ուրախ կերպարանափոխությունը, որից և եզրակացնում էինք, որ նա նամակն արդեն ստացել է։ Իսկ հաշվապահը, հակառակ իր սովորության, որ միշտ վշտակցում էր մեր մշտապես վշտակիր տանտիրուհու բոլոր վշտերին, այդ օրն անտարբեր և նույնիսկ հեգնանքով էր վերաբերվում նրա խոսքերին և աչքի տակով շարունակ ծոցագրպանին էր նայում, ուր, ըստ երևույթին, հանգչում էր նամակը։

Ճաշը, չնայած տանտիրուհու վշտին, այնուամենայնիվ, ուրախ անցավ, շնորհիվ հաշվապահի։ Այդ սակավախոս ու մռայլ մարդը գրեթե անճանալելի էր դարձել։ Տանտիրուհուն նա մխիթարում էր հանաքներով ու հեգնանքով, իսկ մեզ առաջարկում էր խմել հավի կենացը։ Հաշվապահի այս ուրախ տրամադրությունը և ազատ շարժուձևերը կասկած չէին թողնում, որ նա ստացել է մեր նամակը և ուրախությունից դարձել շատախոս։ Նրա շատախոսությունն այնքան առաջ գնաց, որ ճաշի միջոցին, երբ պառավը նորից հիշեց հավի ամեն օր ձու ածելու և երկու անգամ թուխս նստելու հանգամանքը, նա սկսեց հաշվել, թե տարեկան իսկապես որքա՛ն օգուտ կբերեր այդ հավը մեր խեղճ տանտիրուհուն։ Եվ այդ հաշվետեսությունն առիթ եղավ, որ նա նորից խոսի իտալական կրկնակի հաշվապահության մասին։

— Ասում եք, երիտասարդ պարոն, հաշիվ իմանալն այնքան էլ կարևոր բան չէ,— դարձավ նա ընկերոջս, որ նույնպես փորձեց հաշվել հավի օգուտը, բայց գլուխ չհանեց.— ա՛յ, եթե հաշվապահություն սովորած լինեիք, իսկույն կհաշվեիք։ Իսկ եթե իտալական կրկնակի հաշվապահություն իմանայի՜ք, ո՛րքան օգտակար կլիներ։ Հապա՜... Պիտի՛ սովորել։

Ճաշից հետո ես և ընկերս քաշվեցինք մեր սենյակը, որպեսզի այնտեղից դիտենք, թե հաշվապահն ինչպե՞ս պիտի գնա իր գեղեցկուհու մոտ։

Եվ նա մեզ երկար սպասել չտվեց։

Շնորհիվ նրա, որ ճաշն ուշացավ, այդ պատճառով էլ երեկոյան թեյի ժամը շուտ վրա հասավ, այսինքն՝ այն ժամը, երբ հաշվապահը պիտի գնար այցի իր «երազների թագուհուն»։

Տեսնելո՜ւ բան էր այդ այցը։

Հաշվապահը հագել էր տոնօրյա մոռագույն զգեստները, կապել էր նոր փողկապ, ժամացույցի դեղին շղթան մեկնել էր կրծքին՝ ժիլետի մի գրպանից մյուսը, ճաշից հետո մաքուր ածիլել էր տվել երեսը և բեղերի ծայրերը կտրել։ Եվ, պետք է ասած, բավական գեղեցկացել էր։ Այժմ նմանում էր եվրոպական ճանապարհորդությունից վերադարձող եվրոպացած ճապոնացու։

Երբ նա հովանոցը ձեռքին մոտեցավ այրու բնակարանին, մի րոպե վարանքով կանգ առավ, շուրջը նայեց, երևի տեսնելու՝ իրեն նայող կա՞ թե ոչ, և ապա անվստահ ու երկյուղած քայլերով, ինչպես հավատացյալն է մտնում տաճար կամ՝ նորեկ աշակերտը դպրոց, բարձրացավ պատշգամը։

Այստեղ նրան դիմավորեց ջահել կնոջ պառավ աղախինը։ Սա խոնարհ, բայց զարմացած աչքերով, ինչ-որ բան հարցրեց հաշվապահին և մտավ տիրուհու սենյակը։

Մինչ աղախինը այրուն կհայտներ իր այցելության մասին, հաշվապահն սկսեց շտապ-շտապ, բայց խնամքով ուղղել փողկապը, որ շատ ուղիղ էր, հարդարել մազերը, որոնք նույնպես կոկ էին, մի խոսքով՝ գեղեցիկ երևալու համար անում էր բոլորը. ժամացույցի շղթան էր շտկում, մատները քսում էր բեղերին և զանազան դիրք ընդունում, ինչպես անում են լուսանկարվելու պատրաստվող մարդիկ։ Բայց ինչ էլ անում էր խեղճ մարդը՝ հիսուն տարեկանից պակաս չէր երևում և դեմքը հիշեցնում էր էլի ճապոնացու։

Փոքր անց՝ դուրս եկավ աղախինը և նույն զարմացած աչքերով նրան հրավիրեց ներս։

Հաշվապահը ներս մտավ այնպես, ինչպես մի հասարակ հպատակ կմտներ իր իշխանի անմատչելի դղյակը՝ զսպված ինքնաբավականությամբ ու խորին ակնածանքով։ Այնուհետև չտեսանք, թե ի՛նչ է կատարվում ներսը. համակ հտաքրքրություն դարձած սպասում էինք գործի ելքին, ինչպես հայրը կսպասի իր զավակի ծնվելուն։

Միևնույն ժամանակ անում էինք զանազան ենթադրություններ, թե միգուցե այրին իսկապես լուրջ ընդունի նրան, իբրև սիրահարի, և հայտնի, որ ինքն այդ այցելությանը վաղուց էր սպասում, կամ թե հաշվապահն ինքը ոչ մի խոսք չբանա ստացած նամակի մասին և նրա այցը այրին համարի սովորական այցելություն և թեյով ու մուրաբայով պատվի նրան։

Սակայն այդ ենթադրությունն իզուր էինք անում։

Այն, ինչ կատարվեց — մեր բանականությունն ու ենթադրությունը բնավ չէին նախատեսել։

Ներս մտնելուց հետո՝ չանցավ տաս-տասնհինգ րոպե, երբ հաշվապահը նորից դուրս եկավ այրու սենյակից... Բայց ինչպե՞ս։

Չեմ կարծում, թե Ադամը դրախտից արտաքսվելու ժամին ունենար այնպիսի դեմք, ինչպիսին ուներ հաշվապահը։ Նա գլխիկոր էր՝ որպես հանցավոր, և գունատ՝ ինչպես հոգեդարձ։ Թվաց, թե ծերացել է մի քանի տարով և ավելի է նմանվել ճապոնացու։ Նրա դեմքը տեսնելով՝ մեզ թվաց նույնպես, թե նրա բոլոր շորերը հին են, մազերն անկարգ, փողկապը ծուռ։

Հազիվ ոտքը դուրս էր դրել սենյակից, երբ նրա ետևից պատշգամ նետվեց մի մեծ ծաղկեփունջ և դուռը ծածկվեց այնպիսի ուժով, որ ապակիները զնգզնգացին, կարծես մոտակայքում պայթած կայծակի հարվածից։

Հաշվապահն այրու բնակարանից հեռացավ այնքան ցրված և այնպես շտապ, որ հովանոցը մոռացավ այնտեղ և ձեռնթափ ու շփոթված շտապեց իր սենյակը։

Երեկոյան թեյին նա չերևաց, իսկ պառավը վշտացած լինելով, չհետաքրքրվեց, թե ինչո՛ւ։ Նույնը պիտի կրկնվեր հետևյալ առավոտ, եթե պառավը չհետաքրքրվեր այս անգամ։

Տեսնելով ճաշորդն ուշանում է թեյին, պառավը գնաց նրան կանչելու։

Բայց հինգ րոպե չանցած՝ վերադարձավ այլայլված ու զարմանքից երկարած դեմքով և հայտնեց, թե հաշվապահը տանը չէ։

Ես և ընկերս նետվեցինք հաշվապահի սենյակը։

Եվ... տեսանք այն, ինչ ամենից անսպասելի և ամենից անհավանական էր։

Հաշվապահը կախվել էր...

Մենք ամեն ինչ սպասում էինք նրանից, բայց երբեք այդպիսի քայլ։ Սպասում էինք, օրինակ, որ նա այլևս չի երևա այրու աչքին և, իմանալով, որ մեզ ոչինչ հայտնի չէ, կշարունակի իր կյանքը նախկին ձևով, կամ ամենաշատը կթողնի ամառանոցն ու կմեկնի Բաքու։ Բայց... անհասկանալի հոգիներ շատ կան կյանքում։

Եվ այդ օրվանից ամառանոցը մեզ համար դարձավ անհրապույր, իսկ մեր տաղտկալի օրերն ավելի ձանձրալի...

1915


Վճռական մարդը

— Բավական է այլևս։ Գնամ պիտի և ասեմ.— «Պարոն, տվեք իմ հասանելիքը»... Այո, այդպես էլ կանեմ. Թող նեղանա։ Սառը ջուր շատ կա... Անամոթ, ամեն օր «էսօր-էգուց, էսօր-էգուց», և վերջը չկա «էսօր-էգուցին»... Խաբեբա՛։ Փող ես պարտ՝ տո՛ւր, չես տալու՝ ասա՝ չե՛մ տալիս... Այն ժամանակ անելիքս կիմանամ։ Թե չէ՝ տանել-բերել ու խաբե՜լ... Ինքդ լավ գիտես, միջոցներից զուրկ ուսանող եմ և միակ եկամուտս դասագինն է... Պարարտ խոզ է ինքը, կարծում է՝ ես էլ իրեն պես ապահով եմ և ամեն օր կակաո եմ խմում։ Ոնց չէ, բո՛ւթ արարած... Հետո էլ վիճում է, թե ինչո՞ւ են հեղափոխություն անում։ Հեղափոխությո՜ւն... Քեզ պես տխմարներին հեղափոխությունը քիչ է...

Խոսում էր ուսանող Արշամը իր փոքրիկ, մի լուսամուտով սենյակի երկայնքը չափելով և, ինչպես դերը սերտող դերասան անդադար կրկնում միևնույն խոսքերը։ Զայրույթից նրա դեմքը ծամածռվում էր շուտ-շուտ, իսկ ձեռները ծալվում էին բռունցքի։ Նա վրդովված, զայրացած էր վաճառական Թևոսի դեմ, որ ամսից ավելի ձգձգում էր իրեն հասանելիք դասագինը։ Երեք ամիս անընդհատ նա պատրաստել էր վաճառականի որդուն և ամսից ավելի էր ահա տղան քննություն տալով՝ ընդունվել էր չորրորդ դասարանը, բայց հայրը, հայտնի չէ ինչո՛ւ, ձգձգում էր դասավարձը։ Այնինչ Արշամի հույսը այդ ստանալիքն էր. պիտի գներ մի շարք բաներ՝ սպիտակեղեն, գլխարկ, կոշիկ, մանավանդ կոշիկ, կոշիկ... Հագինը կարկատանների տակ կորցրել էին արդեն իրենց իսկական երեսը։ Դա բավական չէր — մեկի տակն ու երեսը քթի մոտ բաժանվել էին իրարից և քայլելիս շարունակ բաց ու խուփ էին լինում ցամաք ձգված ճենառի երախի նման։ Եվ մի քանի օր ահա նա տակն ու երեսը թելով կապում էր իրար ու այնպես ելնում փողոց։

«Սա խայտառակությո՛ւն է»,— ասում էր Արշամն ինքն իրեն, կոշիկներին նայելով։ Լա՜վ է. ինքը բոբիկ ման գա, վաճառական Թևոս Պողոսյանը իր փողը բանեցնի՜։ Ցնծա՛, ուսանող Արշամ... Բայց հերիք է, ինչ էլ լինի, այսօր պիտի վերջացնել։ Այո՛... պիտի վերջացնել... Մի քանի րոպեում կոշկի թաթը կանեփի թելով կապելուց արագ դուրս եկավ փողոց և քայլերն ուղղեց դեպի վաճառական Թևոսի տունը։ Օրը կիրակի էր։ Ամենայն հավանականությամբ վաճառականը տանը պիտի լիներ։ Ժամը տասն է... Երևի թեյ է խմում հիմա,— մտածում էր Արշամը փողոցում ու շուտ-շուտ կոշկի թաթին նայում։ Թվում էր նրան, թե բոլոր անցորդները, ամբողջ քաղաքը նայում է իր թելով կապած կոշկին.. Ու, չնկատվելու համար, ոտը երկար ժամանակ ետ էր պահում և մեկեն առաջ գցում, աշխատելով որքան կարելի է արագ քայլել. արա՛գ, արա՛գ... Նա դիտել էր, որ արագ քայլողի ոտնամանի արատները չեն նկատվում. բայց արագ քայլելիս էլ թելի հանգույցը ոտի տակից շարունակ ընկնում էր երեսը... Էհ, գոնե ամպած լիներ... Բայց հակառակի պես պայծառ արև էր. փոշու հատիկն անգամ երևում էր մարդկանց շորերի վրա... Եվ չկար մեկն անցորդների մեջ, որ իրեն՝ Արշամի նման անճոռնի, այլանդակ կոշիկ ունենար, այն էլ թելով կապած... Այո, մեծ համբերություն է իր կողմից — փողը թողնել ուրիշի ձեռի և շրջել այսպես... Ո՛չ, ներողություն կանես, պարոն Թևոս, այսօր իսկ ամեն ինչ պիտի վերջացնես...

— Այո, մինչև որ հաշիվս չվերջացնի, տանից դուրս չեմ գալու,— վճռեց նա։

Պե՛տք էր այդ միջոցին դիմել, որովհետև ձեռին մնացել էր ընդամենը մեկ ռուբլի հիսուն կոպեկ։ Հազիվ եըեք-չորս օրվա ապրուստ... Ստանալիքը, սակայն, կարող է միառժամանակ ապահովել իրեն։ Մտքում հաշիվ անելով՝ նա շարունակ կրկնում էր.

«Այդպես՝ այսօր կամ երբե՛ք»։

Պատշգամում նրա առջևն ելավ իր աշակերտը, ուռած այտերով մի տղա, արդեն դպրոցական շորերով։ Ուսուցչին տեսնելով՝ նա ամաչկոտ ժպտաց, որով ասես ներողություն էր խնդրում, որ հայրը այսքան ժամանակ փողը չի տվել, և նա ստիպված եկել է նորից... Այդպես թվաց Արշամին, որ իր հերթին ժպտալով բարևեց աշակերտին և, կապած կոշիկը ետ դնելով, հարցրեց. «Հը, գործերը ո՞նց են»։ Տղան նորից ժպտաց, և Արշամին կրկին թվաց, որ նա ամաչում է հոր արարքից։

— Տա՞նն է հայրիկդ։

— Այո, համեցեք։

Արշամը հոնքերը կիտած, կռվի պատրաստվողի տրամադրությամբ, մտավ ներս։ Վաճառականն ու կինն զբաղված էին մի գեղջկուհու հետ հաշիվ տեսնելով։ Գյուղացի կինը, մատները ծալելով՝ հաշվում էր, թե ի՛նչ է անում մի փութ յուղը և երկու փութ պանիրը։ Թևոսը սև թավ հոնքերի տակից նայում էր գեղջկուհու փայտի նման չոր մատներին և միաժամանակ համրիչի հատիկները գումարում։ Արշամին տեսնելով՝ նա գլխով արավ— «խնդրե՛մ»— և ձեռի շարժումով հրավիրեց նստել։

«Լավ ժամանակ եկա»,— մտածեց Արշամը, նստելով, «վճարումների օր է — է՛լ մերժել չի կարող»։ Եվ գոհ, որ այսպիսի պատեհ ժամանակ եկավ, ականջը նրանց զրույցին՝ սկսեց նայել տան կահերը։ Թեև մի քանի անգամ եղել էր այդ սենյակում. բայց նրան թվում էր, որ ամեն բան չի տեսել։ Սենյակը լիքն էր իրերով, և ամեն ինչ մաքուր էր, կոկ ու իր վիճակից, կարծես, գոհ։ «Իրենց ոչ մի բանը պակաս չեն անում, բայց ուրիշի վարձը ինչպես են ձգձգում»,— մտածում էր նա շուրջը նայելով, և նրան թվում էր, որ բոլոր այդ իրերը՝ բազկաթոռները, առիքից կախված ջահը, պատկերները, բոլորը, բոլորն ավելորդ են, և նրա համար են միայն, որովհետև մյուս վաճառականների տներում էլ կան դրանցից։

— Հաշիվը պարզ ա,— ասաց գեղացի կինը մատները ծալելով, և հայտնեց որքա՛ն է հասնում իրեն։

— Հիմա ես ուզո՞ւմ,— հարցրեց վաճառական։

Գեղջկուհին զարմացավ, ի՜նչպես թե. իհարկե՛։ Հապա ինչո՛ւ է եկել...

Վաճառականը ծոցագրպանից հանեց թղթադրամները և մի քանի րոպե լուռ, ինքնամփոփ հաշվելուց հետո, գլուխը բարձրացրեց հանկարծ։

— Պարոն Արշամ, մի երեք ռուբլի չեք ունենա՞։

Ուսանողը, ուսերը վեր քաշեց և ժպտաց։ Երեք ռուբլի՜... Ուզեց հասկացնել, որ եթե երեք ռուբլի ունենար՝ էլ ինչո՞ւ պիտի գար այստեղ, բայց նայելով իրեն ուղղված դեմքերին, մանավանդ Թևոսի կնոջը, մտածեց, որ դրանք՝ բոլորը կարող են կարծել, թե ինքը դիտմամբ է անփող ձևանում, ավելացրեց.

— Երեք չունեմ, մոտս կա միայն մեկուկես...

— Ոչինչ. տվեք խնդրեմ,— ասաց վաճառականը, շարունակելով հաշիվը։

Արշամը ելավ, վարտիքի գրպանից հանեց դրամները, դրեց Թևոսի առջև, աշխատելով կապած կոշիկը թաքցնել վաճառականի կնոջից, որը շարունակում էր անհանգիստ, շուրթերը սեղմած նայել իրեն։

«Երևի սա էլ է ամաչում, որ վարձս ուշացրել են»,— մտածեց Արշամը և, որպեսզի տիկնոջն ավելի ամոթ չպատճառի, նայվածքն ուղղեց «Ռուս-ճապոնական պատերազմին»։

Երբ գյուղացի կինը, ստացած դրամը շրջազգեստի գրպանը դնելով՝ ուրախ-ուրախ գնաց դեպի դուռը, վաճառականը դարձավ ուսանողին.

— Ի՞եչ կհրամայեք, պարոն Արշամ... երևի դասագնի համար, հա՞։

«Դե որ հասկանում ես՝ էլ ի՜նչ ես հարցնում»,— ասաց Արշամը մտքում, և նորից տանտիրուհուն նայելով, ժպտաց.

— Իհարկե...

Եվ ուզեց շարունակել, բայց վաճառականը կանխեց.

— Ափսոս, էլի անփող ժամանակ եկաք,— գլուխը շարժեց նա։— Այ, եթե այդ կնկանից մի քիչ շուտ գայի՜ք... Ափսո՛ս. եղածը ձեզ կտայի... Նեղություն չլինի, խնդրեմ, վաղը երեկոյան շնորհ բերեք խանութ կամ այստեղ։ Իսկ եթե ո՛չ այստեղ լինեմ, ո՛չ խանութում, Գասպարյանի գրասենյակը գիտե՞ք, Ազատության փողոցի վրա, այնտեղ կլինեմ։ Խնդրե՛մ... Այդ մեկուկեսն էլ, իհարկե, միասին կստանաք...

— Այդ ոչինչ... Բայց դուք...— ժպտաց Արշամը,— գիտե՞ք...

Եվ ուզում էր ցույց տալ թելերով կապած կոշիկը, նկարագրել իր նեղ վիճակը, սակայն, նայելով տանտիկնոջ, որ աչքերը խոնարհել էր գետնին (երևի ամոթից, ինչպես թվաց Արշամին), նա անհարմար համարեց այդ՝ տիկնոջն ավելի չամաչացնելու համար, և ասաց.

— Բայց և այնպես... իհարկե...

— Այո, իհարկե, հույս ունեմ, չեք մոռանա...

— Ես այդ չէի ուզում ասել,— ընդհատեց նրան Արշամը,— այնպիսի բաներ կան, գիտե՞ք...

— Այո, գիտեմ, իհարկե, կարիքի մեջ եք. բայց տեսաք էլի՛, ձեռիս գումարը գնաց... Վաղը խնդրեմ։

Արշամը դարձյալ ժպտաց, և որպեսզի իր մասին վատ կարծիք չկազմեն, որպես անքաղաքավարի մեկը, լռեց մի րոպե և ապա հարցրեց.

— Իսկ ժամը քանիսի՞ն, եթե կարելի է իմանալ...

— Ժա՞մը։ Այսպես՝ յոթից մինչև ինը։ Ես այդ ժամանակ ազատ եմ լինելու։ Խնդրեմ... Այսօրվա մեկուկեսն էլ, իհարկե...

Արշամը, աչքը տանտիկնոջ երեսին, վեր կացավ և, կապած կոշիկը նրա աչքից թաքցնելով, ելավ սենյակից։

Երբ փողոց դուրս եկավ, նա մի րոպե կանգնեց վաճառականի տան առջև ու զայրույթով նայեց վերի հարկին։

— Ա՛խ, եթե կինն այնտեղ չէր լինի՜...

1917


Հանցանք ու պատիժ

Հույս ունեմ, որ այս վերնագիրը կարդացողները գրվածքս չեն ընդունի որպես իրավագիտական տրակտատ, և եթե այդպես ընդունեն՝ շատ կսխալվեն, որովհետև սա մի հասարակ պատմություն է։ Մի պատմություն այն մասին, թե ինչպես գյուղացի Մարկոսը, Նոր-Շենի այն զորավոր եկեղեցու երեսփոխը, գողության համար պատժեց իր որդուն։

Ինքս, իհարկե, ականատես չեմ եղել այդ բոլորին, բայց այսքանը գիտեմ, որ մի օր Մարկոսն ու իր կին Զարմանը շատ անհանգիստ էին։ Վաղ առավոտից սկսած նրանք փոխառփոխ կանգնում էին սենյակի լուսամուտի առջև և նայում դեպի իրենց մառանը, որի հին դռան վրա փայլում էր մի նոր կողպեք, ինչպես կեղտոտ փողկապի վրա ադամանդյա քորոցը։

Բանն այն էր, որ մի ամբողջ շաբաթ շարունակ, ամեն օր նրանց մառանից գողություն էր կատարվում, և նրանք չգիտեին, թե ո՛վ է այդ բանն անողը։ Ամեն օր, երբ Զարմանը մտնում էր մառան, տեսնում էր, որ մի անհայտ և անզգույշ ձեռք իր դրած բաները շարժել է տեղից, բացել է այս կամ այն թթվի բերանը և խուփը թողել գետնի վրա։ Սկզբում Զարմանը կարծեց, թե այդ ամենն ինքն է անում, հետո մոռանում կամ թե չէ՝ «մուկ է դիպչում», բայց մի օր էլ, երբ նա աչքերը դեպի առաստաղը բարձրացրեց և սարսափով տեսավ, որ խնձորի, տանձի և խաղողի կախանները «թեթևացել» են, իսկույն գլխի ընկավ, որ մառանը գող է մտնում. իսկ թե ո՛վ — տարակուսում էր։ Տարակուսում էր, որովհետև մառան մտնող գողը նախ պետք է մտներ տուն, որ մառանի բանալին վերցներ։ Բայց հետո ենթադրեց, որ դուռը կարելի էր բանալ և հարմարեցված բանալիով։ Սակայն ով պետք է լիներ դա — այդ բաց անողը։ «Չըլի մեր հոտաղն է»,— մտածեց Զարմանը և իր կասկածը, դեպքի հետ միասին, հայտնեց մարդուն։

Մարկոսը, որ գրել-կարդալ իմանալու պատճառով եկեղեցու երեսփոխ էր ընտրված և գյուղացիների մեջ համարվում էր խելոք մարդ, խնդաց կնոջ խոսքերի վրա և ասաց, որ դժվար թե Ադամն (հոտաղը) այդպիսի բան անի։

— Բայց ո՞վ գիտի,— ավելացրեց նա,— ս. Գիրքն ասում է՝ մարդն անքննելի է, շատ կարելի է անում է. պետք է հաստատ իմանալ՝ հետո...

Կինը համաձայնեց։

Եվ նրանք ահա երկուսով, լուսամուտի առջև կանգնած, անհանգիստ աչքերով նայում էին դեպի մառանը, տեսնելու, իսկապես, ո՛վ է մտնելու այնտեղ։ Եվ որովհետև նրանք կասկածում էին ծառային, այդ պատճառով առանձնասլես հետևում էին նրա յուրաքանչյուր քայլին։ Ադամը, որ մոտ երեսուն տարեկան մի տղա էր և որի միրուքն սկսվում էր ուղիղ աչքերի տակից, այդ օրը շարունակ գնում-գալիս էր մառանի առջևից՝ դարմանի քթոցը շալակին կամ խոտի խուրձը գրկին։ Երբ նա հավասարվում էր մառանի դռան, մարդ ու կին անհամբեր սպասում էին, որ ահա ո՛ւր որ է Ադամը, քթոցը կամ խուրձը կգցի գետին, գրպանից կհանի ո՛վ գիտի որ աղբակույտում գտած մի ժանգոտ բանալի և, մառանի դուռը բանալով, կմտնի ներս։ Բայց օրն եկավ ճաշ դառավ — ոչինչ չպատահեց։ Ադամը, սպասածի հակառակ, փոխանակ մառան մտնելու, գնաց նստեց գոմի պատի տակ, արևկող մի տեղ և սկսեց ապակու կտորով մաքրել տրեխացու կաշին։

Այս տեսնելով՝ մարդ ու կին մտածեցին, որ գողը ցերեկով գողություն չի անի. նա անպատճառ գիշերն է մտնում, պետք է ուրեմն գիշերը հսկել։ Այս մտքի վրա էին նրանք, երր շվշվացնելով ներս մտավ նրանց որդի Արտուշը՝ 14-15 տարեկան մի պատանի, որ ծխական դպրոցն ավարտելուց հետո պարապ շրջում էր գյուղում և երբեմն տերտերի տղայի հետ գնում էր գետը՝ ձուկ որսալու կամ անտառը՝ թռչուն սպանելու։ Ներս մտնելով՝ նա անցավ սենյակից սենյակ և նորիք շվշվացնելով դուրս եկավ։

Մարկոսը, որ ամենայն աչալրջությամբ հսկում է որդուն, որպեսզի նա վատ շրջան չմտնի և միշտ տերտերի տղայի հետ ընկերություն անի, այս անգամ էլ, որդու դուրս գնալուց հետո, նայեց նրա ետևից, տեսնելու թե որ կողմն է գնում։

Եվ հազիվ մոտեցել էր լուսամուտին՝ ետ դարձավ և անխոս ձեռով արավ կնոջը։

Զարմանն շտապ մոտ գնաց։

Եվ ահա թե ի՛նչ պատկերացավ նրանց առաջ։

Արտուշը կանգնել էլ մառանի դռանը և խլշած նայում էր շուրջը։ Եվ շուրջը նայելով՝ ինչ-որ մի բան էր խաղացնում բռան մեջ ու շրթունքները շարժում, ինչպես երևում էր, շվշվացնում էր դարձյալ։ Այսպես մի քանի անգամ նա լավ դիտեց շուրջը, ապա, ուրախ ցատկումներով մոտեցավ մառանի դռանը, շտապով բացեց այն և արագ մտավ ներս։

— Գողը գտնվե՜ց,— բացականչեց Մարկոսը։

Զարմանն ուզեց վազել մառան և որդուն տեղնուտեղը պատժել, բայց մարդը պահեց նրան։

— Կա՛ց, թող սիրտը հովացնի։

Ու, կնոջ թևից բռնելով, նորից տարավ նրան լուսամուտի մոտ։

Չանցավ մի քանի րոպե — Արտուշը պուտի պես կարմրած դուրս եկավ մառանից, դուռը կողպեց հապ-շտապ և, ձեռներն ուռած գրպանները կոխելով, վազեց դեպի խոհանոցը։

— Հիմի ես ի՞նչ անեմ էդ փչին,— ճչաց Զարմանը չարացած։— Մատները չդնեմ ուրագի տակ ու փրթե՞մ...

— Սո՛ւս,— սաստեց նրան Մարկոսը,— ոչինչ էլ հարկավոր չի։ Թո՛ղ։

— Ո՞նց թե՝ «թո՛ղ»,— բարկացավ Զարմանը։— Թողնե՞մ իմ աչքի առաջ գողություն անեն։ Էդ ի՜նչ խելք է։

— Քեզ ասում եմ՝ թո՛ղ, թո՛ղ,— ձեռը թափ տալով՝ ձայնը բարձրացրեց Մարկոսը։

Եվ Զարմանը, որ այն կարծիքի էր, թե տղամարդը, ինչ էլ լինի, տասն անգամ խելոք է կնոջից, մասնավորապես իր ամուսինը, որին «սաղ գեղը երեսփոխ էր ընտրել» և որը իրիկուն-առավոտ Աստվածաշունչ էր կարդում,— լռեց, մտածելով, թե Մարկոսը երևի մի բան գիտի, որ սաստում է իրեն։

Եվ նա չէր սխալվում։


Հետևյալ օրը՝ առավոտյան Մարկոսը որդուն կանչեց իր մոտ և ամենայն զգուշությամբ հայտնեց նրան, որ իրենց մառանից գողություն է կատարվում։

— Ես կարծում եմ,— ասաց,— էդ գողլը Ադամը պրտի ըլի...

Ու հարցրեց որդու կարծիքը, թե իսկապես հոտաղը կանի այդ բանը. ի՞նչ է կարծում Արտուշը։

Արտուշը, որ մինչ այդ գլուխը կախ լսում էր հորը, նրա վերջին խոսքերի վրա՝ գլուխը բարձրացրեց և նայեց հոր երեսին։

— Ինչո՞ւ չի անի որ... Նա ամեն օր էլ գողություն է անում. տավարը գնալիս հանդից միշտ կարտոլ է գողանում ու հանդում էլ խորովում։ Կարտոլ գողացողը՝ մառանից էլ գողություն կանի...

— Շատ կարելի է,— ասաց Մարկոսը։— Ես էլ կարծում եմ, որ նա է գողանում, բայց բանն էս է, թե ինչո՞վ է բաց անում փակ դուռը, ձեռին բանալի բան չունի...

Արտուշը խնդաց.

— Դա դժար բան է՞. բանալի գտած կլինի կամ թե չէ, ինչ կա որ, մեխով բաց կանի։

— Շատ կարելի է,— հավանություն տվեց հայրը։— Բա հիմի ո՞նց անենք, որ դրան բռնենք։

Արտուշը լուռ էր։

— Դու կարո՞ղ ես բռնել,— շարունակեց Մարկոսը։

— Ինչի՞ չեմ կարող,— պատասխանեց Արտուշն ինքնավստահ,— կբռնեմ ու հլա հերն էլ կանիծեմ։

Մարկոսը լռեց մի փոքր։

— Դե լավ,— ասաց նա տեղից ելնելով։— Արի գնանք։

Եվ նա որդուն տարավ մառան։

— Տեսնո՞ւմ ես,— ասաց Մարկոսը որդուն, ցույց տալով տանձի, խնձորի, խաղողի ու սերկևիլի կախանները։— Տեսնո՞ւմ ես սրանք։ Լավ տես, որ հետո եթե գողանան հաշիվը միտդ ըլի...

Արտուշը գլուխը բարձրացնելով նայեց մեկ-մեկ առաստաղից քաշ ընկած կախաններին և մտքում հաշվեց ինչ-որ։

— Հիմի արի էստեղ,— կանչեց հայրը նրան, և մի առ մի խուփերը վերցնելով, ցույց տվեց թթվի, պանրի, մեղրի կճուճները։

— Էս բոլորը,— ասաց Մարկոսը,— քեզ եմ թողնում։ Հիմի տեսնենք ոնց պիտի պահես։ Եթե գողին բռնեցիր — էն է հո — կեցցե՛ս. թե չէ՝ ամոթ քեզ։

Այս ասելով՝ Մարկոսը խնամքով փակեց մառանի դուռը, և բանալին, ինչպես մի սրբազան ավանդ, հանդիսավոր հանձնեց որդուն։

Այդ օրվանից մառանից էլ բան չէր գողացվում։

1915


Հայր Սիմոնը

Ուշ, խավար երեկո է։ Դուրսը շրխկոցով անձրև է գալիս, այնքան վարար, որ գյուղացիներին թվում է, թե սկիզբն է մի նոր ջրհեղեղի։

Գյուղական քահանա տեր-Սիմոնի տանը, առիքից կախված լամպի պղտոր լույսի տակ, ընթրիքի են նստած ինքը՝ հայր Սիմոնը, նրա կինը — Մարթան, և նրանց հյուր՝ թեմական դպրոցների տեսուչ Սարյանը, որ երկու ժամ էր ինչ իջևանել էր այդտեղ։ Նա գնում էր մոտակա Նորաշեն գյուղի դպրոցը դիտելու, բայց անձրևի և գիշերը շուտ վրա հասնելու պատճառով՝ որոշեք գիշերել քահանայի տանը և վաղ առավոտյան ճանապարհ ընկնել։ Նա նոր էր տեսուչ նշանակվել և քահանայի տանն առաջին անգամն էր լինում։ Եվ երևի պատճառը դա էր, որ տեր-հայրը ամեն կերպ աշխատում էր սիրաշահել հյուրին ու զանազան հարցեր տալով՝ խոսում էր շարունակ։

— Ասում ես, դու տեսուչ եք, հա՞,— հարցնում էր նա եզակի ու հոգնակի։— Հը՜մ, լա՛վ պաշտոն է։ Մեծ ռոճիկ կառնեք, էնպես չի՞... Հը՞մ... Ասել կուզի՝ չինովնիկ ես կամ դրա պես մի բան, համա չներ չունեք... Իսկ չներ ունենալը՝ լավ բան է, էնպես չի՞...

Հյուրը, որ սաստիկ հոգնած էր մի ամբողջ գիշեր երկաթուղով և հինգ ժամ ձիով ճանապարհորդելուց, գրեթե ակամա էր պատասխանում քահանայի հարցերին և շարունակ մտածում էր, թե երբ պիտի իր համար անկողին պատրաստեն, որ մի քիչ հանգստանա։ Միևնույն ժամանակ նա սաստիկ ձանձրանում էր այդ խոսակցությունից, բայց որովհետև առաջին անգամն էր լինում այս տանը, աշխատում էր իրեն լուրջ ու քաղաքավարի պահել։

— Ասում ես, նորաշեն ես գնում հա՞...

— Այո։

— Էնտեղի վարժարանը տեսնելո՞ւ։

— Այո։

— Հը՜մ. Նորաշենը լավ տեղ է, համա էն տեղի վարդապետները ուրիշ տեսակ մարդիկ են... Հնենց էլի՜, ոնց ասեմ։ Նրանք ոչ մարդու պատիվ գիտեն, ոչ աստծու... Կաթղիկոսը ինքն էլ գա, դրանք բանի տեղ չեն դնիլ... Նրանցից մինը, գիտըմ չեմ, հայոց թե ռուսաց մշակում, ասում են, գրել է թե, մթամ ես անխելք մարդ եմ... Էդ բանն ասում է նրա համար, որ ես հիվանդներ եմ լավացնտւմ։ Ասում են (ես չեմ էլ կարդացել) գրում է, թե՝ խի՞ ա լավացնում... Բա թող անեմ մեռնե՞ն... Ասում եմ է՜, դրանք ո՛չ աստծու պատիվ գիտեն, ոչ մարդու։ Կաթղիկոսը ինքն էլ որ գա՝ բանի տեղ չեն դնիլ, ուր մնաց ինձ։

Եվ հայր Սիմոնը, ալեխառն միրուքը սղալելով, հառաչեց. ապա տեսնելով, որ հյուրը ախորժակով չի ընթր՛ում, նրա առաջը քաշեց լոբի, բողկ, աղցան։

— Համեցի՛ր, պարոնս, կեր, մի՛ ամաչիր... ափսոս որ պասին ես եկել, եթե ուտիսին շնորհ բերեիք...

Բայց Սարյանն այս անգամ հրաժարվեց, ասելով թե կշտացել է արդեն։ Նա թեև շատ բան չէր կերել, սակայն երկար անքնությունից ուտելու ախորժակ չուներ ու շարունակ քնելու, հանգստանալու մասին էր մտածում։

— Վա՜հ,— զարմացավ հայր Սիմոնը հյուրի սակավակերության վրա,— ի՜նչ կերար, որ կշտացար, տնաշեն։ Դրանով մարդ կկշտանա՞։ Տղամարդը, որ մի պինդ երկու-երեք բաժին կերակուր չուտի, կարա՞ կշտանա... Համեցեք, անուշ արա։

Սարյանը կրկին հրաժարվեց։ Այդ միջոցին բարձրահասակ և չորչորուկ իրիցկինը, որ շարունակ անխոս և ձեռքերը կրծքին դրած, նստած էր ամուսնու կողքին, կամաց ելավ տեղից ու անձայն քայլերով անցավ մյուս սենյակը։

Կնոջ դուրս գնալը նկատելովս հայր Սիմոնը ծանր հառաչեց և ուղղվեց նստած տեղը։

— Է՜հ, պարոնս, ես շատ անբախտ ծնող եմ,— ասաց տեր-հայրը հառաչանքով,— քանի որդի եմ ունեցել, բոլորն էլ չարդ տարել են, մնացել է մինը, էն էլ մի շաբաթ կըլի հիվանդ է. գիտըմ չեմ՝ ի՛նչ է պատահել... Երեկ դարման եմ խաշել վրա տվել, հլա տեսնենք ո՛նց կլինի, եթե լավանա ոչ՝ քարաբաղնիք եմ դնելու... տեսնենք։

Սարյանը, որ դարձյալ հանգստանալու մասին էր մտածում և համարյա թե անուշադիր էր քահանայի ասածներին, նրա վերջին խոսքերի վրա սթափվեց կարծես։

— Դարմա՜ն. բայց միթե դարմանը բուժում է,— հարցրեց։

Հայր Սիմոնը ժպտաց։

— Բաս, գիտես ոչ, որ դարմանը լավ հեքիմ է,— ասաց նա՝ միրուքը շփելով։— Դարմանը շատ լավ հեքիմ է, մեր գեղացիներից քանիսի՜ն եմ լավացրել։ Ի՜նչ տեսակ մրսած հիվանդ էլ ըլի, դարման խաշես վրա տաս, էն սհաթը կլավանա... Քանիսի՜ն եմ լավացրել...

Ընթրիքի վերջում հայր Սիմոնը Սարյանին առաջնորդեց մյուս սենյակը, ցույց տվավ հիվանդ որդուն, որը անկողնի մեջ, մի քանի վերմակով ծածկված, հազիվ շնչում էր ծանր ու ընդհատ, ապա այնտեղից դուրս գալով՝ առաջարկեց նրան թուղթ խաղալ։ Բայց Սարյանը, որովհետև քունը տանում էր, պատճառ բերեց, թե ինքը թուղթ խաղալ չգիտե։

— Վա՛հ,— զարմացավ հայր Սիմոնը,— մեր գեղեցիները ամենքը գիտեն... Դե՛ լավ,— ասաց նա, ցավելով, որ թղթախաղը գլուխ չեկավ,— որ էդպես է, կարդացած մարդ ես, լա՛վ-լա՛վ հեքիաթներ կիմանաս, մի հեքիաթ պատմիր լսենք։ Երկար գիշեր է, մարդու քուն չի տանում սկի։

Սարյանը դարձյալ ստեց, թե ինքը ոչ մի հեքիաթ չգիտե։ Հայր Սիմոնը կրկին զարմացավ, թե ինչպես է, որ ուսում, առած մարդը հհքիաթ չգիտի։

— Դե որ էդպես է,— ասաց նա քիչ լռելուց հետո,— ես մի լավ հեքիաթ գիտեմ, պատմեմ՝ լսի... երկար գիշեր է՝ մարդու քուն չի տանում սկի... Էս հեքիաթը շատ լավ հեքիաթ է։ Մի անգամ Նորաշենի տանուտերին ու գրագրին պատմեցի, նրանք շա՜տ հավանեցին...

Սարյանը հորանջելով ձգեց մղմղացող, կարծես հոդացավով բռնված ոտքերը և տխրությամբ նայեց քահանայի երեսին, ապա ժամացույցին։ 12-ն է, ե՞րբ պիտի հանգստանա...

Մինչ այդ, հայր Սիմոնը տախտակի վրա տեղավորվելուց հետո, ոտքերը ծալեց տաճկական ձևով և միրուքը մի քանի անգամ շփելով՝ սկսեց ծանր ու հանդիսավոր.

— Եղել է, չի եղել, վաղ ժամանակ մի թագավոր է եղել։ Էս թագավորն էնքան ոսկի, գանձ ու էրծաթ է ունեցել՝ էլ դու պրծար։ Բայց ունենում է մենակ մի տղա, էլ զատ չէ...

Սարյանն անհանգիստ, ասես ատամնացավով բռնված, շարունակ շուրջն էր նայում... Նրա աչքերը մղկտում էին, կարծես, արտասուքից թրջված, իսկ կոպերը փակվում էին ինքնաբերաբար։

— Էս թագավորի տղեն,— շարունակում էր հայր Սիմոնը տերողորմյայի հատիկները շրխկացնելով,— գնում է դեպի դևերի աշխարհը իր սիրած աղջիկը բերելու։ Էդ աղջիկն էլ էնքա՜ն, էնքա՜ն սիրուն է ըլում, էլ պրծա՜ր։ Մի խոսքով, ինչ ասեմ, հուրի-մալաք... Հա, պարոնս որ դու ես, էս թագավորի տղեն ճամփա է ընկնում ու գնում։ Գնո՜ւմ է, գնո՜ւմ, շատն ու քիչը աստված գիտի...

Երկար պատմում էր հայր Սիմոնը, մեկ էլ, հանկարծ գլուխը բարձրացնելով, նայեց Սարյանին։ Տեսուչը ննջում էր։ Տերտերը կամացուկ շարժեց նրա ծունկը և զարթեցրեց կրկին.

— Այ, լավ տեղն ենք հասել, պարոնս, լսեցեք,— ասաց նա, հյուրի դեմքին նայելով։— Քունդ տանո՞ւմ է. ոչի՜նչ, հիմի կվերջացնեմ՝ կքնենք... Հա, պարոնս որ դու ես, թագավորի տղեն գնո՜ւմ է, գնո՜ւմ...

Սարյանն աչքերը տրորելով ելավ տեղից։

— Ներեցեք, տեր-հայր, գլուխս ցավում է,— ասաց նա գլուխը բռնելով։

— Ա՛յ, հիմի կվերջացնեմ, քիչ է մնացել։

Սարյանը գլուխը բռնած սկսեց անցուդարձ անել, և մի քանի րոպեից կրկին հայտնեց, որ գլուխը սաստիկ է ցավում և թե լավ կլինի, որ իր համար անկողին պատրաստեն։

Հայր Սիմոնը տխրեց, որ հեքիաթը կիսատ մնաց, բայց կարգադրեց իրիցկնոջը՝ հյուրի համար անկողին պատրաստել։

Եվ տասը րոպե անց Սարյանն արդեն պառկած էր անկողնում։

Նրա սնարի մոտ կանգնել էր հայր Սիմոնը և խորհուրդ էր տալիս, որ նրա գլխին մի բան քսի, որպեսզի ցավը շուտով անցնի։ Սարյանը ոչինչ չէր կամենում, բայց հայր Սիմոնը պնդում էր, թե նրա գլուխն անպատճառ մրսել է, անհրաժեշտ է մի բան քսել քացախ կամ իծի ճրագու։

— Ո՛չ, ո՛չ, ոչինչ հարկավոր չէ,— ասում է Սարյանը, գլուխը վերմակով ծածկելով։

Բայց հայր Սիմոնը մնում էր անդրդվելի և իր միջոցներն էր առաջարկում՝ քացախի շիշը ձեռին բռնած։

— Քանիսի՜ն եմ լավացրել... Ախր ամոթ է ինձ համար, ղոնաղիս գլուխը ցավի ու ես դարման չանե՞մ... Թո՛ղ, պարոնս, էնպե՜ս քսեմ որ — չիմանաս... Մի անգամ էլ Քիլիսիայի տերտերի, էն նորընծա տեր-Հովսեփը գիտե՞ս, նրա գլուխն էր էդպես ցավում... Նա էլ քեզ պես հեքիաթը կիսատ թողեց, թե՝ «գլուխս ցավում է»։— «Խի՞, ա տեր», հարցրի։ Թե՝ «գիտըմ չեմ»։— Վեր կալա քացախ քսեցի, էն սհաթը անցկացավ։ Նա էլ քեզ պես «չեմ ու չում» էր անում, բայց վերջը լավացավ։ Հիմի քոնն է. հլա թո՛ղ, էնպե՜ս քսեմ, որ չիմանաս...

Ու հայր Սիմոնը, քացախը լցնելով բռան մեջ, քսեց Սարյանի ճակատին, քունքերին, կրկնելով.

— Ա՛յ, հիմի որ կլավանա՜. հիմի որ ցավը կանցնի՜։ Օխա՜յ, օխա՜յ...

Սարյանը ցնցվեց և բռնեց հայր Սիմոնի ձեռքը։

— Բավական է, բավական է,— ասաց նա անկողնի մեջ նստելով։— Բավական է, հարկավոր չէ, տեր-հայր։ Բավակա՛ն է...

Մի քանի րոպեից հետո հայր Սիմոնն անցավ մյուս սենյակը քթի տակ ինչ-որ քրթմնջալով։

Սարյանն իրեն թեթևացած զգալովի վերմակը քաշեց գլխին ու պատրաստվեց քնելու, սակայն փոքր անց, հարևան սենյակից ծանր հառաչանքի հետ լսեց դարձյալ հայր Սիմոնի ձայնը, որ ասում էր. «Օխա՜յ, օխա՜յ... ա՛յ էդպես, էդպե՜ս... օխա՜յ, օխա՜յ»...

«Հիմա էլ, երևի, որդու գլուխն է քացախ քսում»,— մտածեց Սարյանը։ Եվ փոքր անց քնեց սպանվածի պես, իսկ առավոտյան բավական ուշ զարթնելով՝ հայր Սիմոնին դարձյալ իր անկողնի մոտ գտավ՝ քացախի շիշը ձեռին բռնած։

— Լավ ես, հա՞,— հարցրեց նա։— Ինչ լա՜վ է... Իսկ ես ասի՝ թե ցավը չի անցել, նորից քսեմ։ Տեսա՜ր... ասի որ քացախը լավ է. հը՜մ...

Եվ հայր Սիմոնը գոհունակությամբ ժպտաց։

Քանի մի րոպե անց՝ Սարյանը հագնվեց և պատրաստվեց ճանապարհվելու։ Գիշերվա անձրևը դադարել էր վաղուց, պարզ երկնքից այժմ նայում էր արևը. ցեխոտ գետնից, խոնավ կտուրներից, և պատերի տակ թափված հին գերաններից առատ գոլորշի էր բարձրանում, ինչպես եռացրած ջրով լի կաթսաներից։ Քահանայի հարցին, թե ինչո՞ւ Սարյանն առանց թեյի, առանց հաց ուտելու է գնում, նա պատասխանեց, թե ուշացել է. ուզում է շուտ տեղ հասնել, որովհետև կարևոր, անհետաձգելի գործ ունի։

— Հա՜... Դե՛, որ էդպես է — գնա,— ասաց հայր Սիմոնը և, ինչ որ մտածելով, ավելացրեց,— Հա՛ մի բան ի ուզում ասել, պարոնս,— քեզ ոչխարի բուրդ հարկավոր չի ըլի՞։

— Ոչ,— պատասխանեց Սարյանը։

— Էժան կտամ։ Փութը օխտը մանեթով։ Ուրիշները տասնով, իննով են ծախում, ես, քու խաթեր համար, օխտով կտամ։

— Ինձ հարկավոր չի։

— Ափսո՛ս. լավ բուրդ է, գիտե՞ս. որ տեսնես — քեֆդ կգա...

Սարյանը լուռ էր։

— Հա, դե որ էդպես է, պարոնս,— շարունակեց տեր-հայրը,— եթե դու ուզում չես, խնդրեմ իմ խաթեր համար, եթե քաղաքում բուրդ ուզող ըլի, ասա իմ կուշտը գան, ես էժան կտամ։

— Շատ լավ,— խոստացավ Սարյանը։

— Լա՛վ կենաս, մտահան չանես ա՛յ, քու լավությունը մոռանալ չեմ։

— Մնա՛ք բարով, աստված քեզ հետ,— բարեմաղթեց հայր Սիմոնը և նորից ինչ-որ մտածելով՝ ավելացրեց։— Ետ դառնալու որ ըլիս, պարոնս,— էլի մեր տուն համեցիր...

1913


Պրոպոս

Իմ հերոսը մի մարդ էր, որ ապրում էր իր համար համեստորեն ու զգույշ, և հանկարծ մեռավ մի այնպիսի մահով, որ իրեն ճանաչողներին ու մոտիկներին թողեց մեծ վարանքի ու զարմանքի մեջ։

Ինձ հայտնի չէ՝ որտեղի՞ց էր ծագում նրա օտարոտի անունը. թերևս նրա ծնողներն այդ պեղել-հանել էին որևէ մի օրացույցից, կամ թե քրիստոնեական մի նշանավոր սրբի անուն էր դա, որը նահատակվել էր հավատի համար և ծնողները կամեցել էին, որ այդ սրբի շնորհն իջնի իրենց որդու վրա նրա անվան հետ միասին... համենայն դեպս, իմ հերոսն իր այդ անունը կրում էր սիրով ու արժանապատվությամբ, նույնիսկ նա իր անվանը տալիս էր այնպիսի բացատրություն, որը կարող էր գուցե հավանական համարվել, եթե չափազանցություն չլիներ։ Նա ասում էր, օրինակ, որ Պրոպոս անունով Հին Հունաստանում եղել է Արիստոտելից ոչ պակաս նշանավոր մի փիլիսոփա, որի գրվածքները թեև մեզ չեն հասել, սակայն ահագին ազդեցություն են ունեցել ժամանակակիցների վրա։ Այդպես էր երբեմն բացատրում իր պաշտոնակիցներին՝ բանկում, ուր ծառայում էր նա՝ չգիտեմ հաշվակալի թե տոմարակալի պաշտոնով։ Ի դեպ, բանկ մտնելու օրից՝ նա անփոփոխ մնացել էր նույն այդ համեստ պաշտոնում, նույն այդ սեղանի մոտ, շահախնդրություն չունենալով՝ նա բարձր պաշտոնների չէր ձգտում, գտնելով որ մեծ պաշտոններն իրենց հետ բերում են և մեծ հոգսեր ու մեծ գլխացավանքներ, բաներ, որոնցից նա խուսափում էր միանգամայն։

Ինչպես անփոփոխ էր մնացել իմ հերոսն իր պաշտոնում — այդպես անփոփոխ էին մնում և նրա սովորույթները թե հիմնարկում, թե տանը։ Իսկ նրա սովորույթները, կարելի է ասել, հանրածանոթ էին այն շրջանում, ուր նրան գիտեին — հիմնարկում և իր բնակարանի բակում։

Բայց նա ուներ սովորույթներ, որոնց մասին ոչ ոք չգիտեր։

Ամենից առաջ, ի պատիվ իմ հերոսի, պիտի ասեմ, որ նա շատ ճշտապահ և կանոնավոր կյանք վարող մարդ էր։ Դեռ չէր պատահել, որ մի օր ուշանար աշխատանքից կամ անկողին մտներ տասներկուսից ուշ։ Միայն չգիտեմ — բժշկական գրքերի ընթերցանության ազդեցությա՞մբ (գրքեր, որ միշտ ահաբեկում են ընթերցողներին), թե՞ ընտանիքում տեղի ունեցած մի դժբախտ դեպքի հետևանքով — Պրոպոսը սաստիկ վախենում էր վարակից, հիվանդություններից ու մահից։ Այդ պատճառով նա թե տանը, թե հիմնարկում ձեռք էր առնում բոլոր նախազգուշական միջոցները՝ վտանգավոր բաների չմոտենալու, չվարակվելու. ծանոթներին ու պաշտոնակիցներին, օրինակ, նա ձեռով չէր բարևում, այլ գլխով. իսկ եթե, անհրաժեշտության բերումով, ստիպված էր լինում բարևել մեկին — նրան թվում էր այնուհետև, թե ձեռն այրվում է, ու մարմնի վրա զգում էր միայն ձեռը. և հանգստանում էր միայն ձեռն օդեկոլոնով լվալով, որի լիքը սրվակը պահում էր միշտ գրպանում։ Իսկ փողոցում աշխատում էր որքան հնարավոր է չդիպչել մարդկանց, ֆիզիկապես չշփվել նրանց հետ։— Ի՜նչ իմանաս՝ ինչ բացիլներ կլինեն վրաները կամ ինչ հիվանդություններ կան ընտանիքներում։ Չէր սիրում Պրոպոսը մանավանդ հորանջող և հազող մարդկանց — լիներ հիմնարկում թե դուրսը.— այդպիսի դեպքերում նա երեսն անմիջապես շրջում էր մի կողմ. և ատում էր առանձնապես այն մարդկանց, որոնք թքում էին փողոցում, մանավանդ նրանց, ովքեր թքում էին իր մոտ։ Նա երեսը շրջում էր ու հեռանում անմիջապես։ Չէր սիրում Պրոպոսը նաև հյուր գնալ, համարելով այդ «կամավոր բանտարկություն» կամ «կամովին ենթարկվել վտանգի», իսկ եթե հարկադրված գնում էր մեկի տուն — դուռը բանում ու գնում էր՝ բռնելով այն տեղերից, որ իր ենթադրությամբ մարդու ձեռ չէր կարող դիպած լինել. կամ բանում էր արմունկով ու ծնկով հրելով, սակայն երբեք բռնակը բռնելով։ Իսկ ներս մտնելով՝ երբեք չէր նստի բազմոցի կամ գահավորակի, որոնք նրան թվում էին «բացիլների օջախներ», այլ ընտրում էր մերկ մի աթոռ և դրա վրա մնում մինչև հյուրասիրության վերջը։ Իսկ երբ մեկը գալիս էր իրեն հյուր կամ այցելում էր իր բնակարանը՝ նա, հյուրի գնալուց հետո, նրա աթոռն անմիջապես լվալ էր տալիս սպիրտով՝ վարակի ամեն բացիլ ոչնչացնելու։

Բայց նա առհասարակ հյուրեր չէր ընդունում և, ինքն էլ, ինչպես ասացինք, հյուր գնում էր հազվադեպ։

Սակայն ծանոթների կամ պաշտոնակիցների շրջանում էլ, երբ լսում էր մեկը հիվանդ է եղել կամ տանը հիվանդ ունի,— նա իսկույն հեռանում էր աննկատելի, եթե հարմար էր լինում, իսկ եթե ոչ — հեռանում էր մի պատրվակով.

— Ներողություն, մոռացել էի որ...

Ու ամեն անգամ այդպիսի դեպքերում կամ փողոցից տուն գալիս, ընդհանրապես նա իսկույն բերանն ու պնչերը լվանում էր բրոմով, իսկ ձեռներն ու երեսը սապոնով։

Մի անգամ հիվանդ ծանոթներից մեկը ձեռքով բարևել էր նրան, առանց հայտնելու, թե հիվանդ է եղել, և Պրոպոսը մի քանի օր հուզված մտածում էր, որ հիվանդներն էգոիստ են, նրանք հաշվի չեն առնում ուրիշի առողջությունը և կարծում են, թե մահը ուրիշների համար է։ Ու հատկապես վրդովվում էր այդ ծանոթի վրա, որ չէր ասել, թհ ինքը հիվանդ է։

— Ազնիվ մարդը պետք է ասեր, թե հիվանդ է և դրա համար չի ուզում ձեռ տալ, կամ ուղղակի՝ չպիտի մոտենար։

Պետք է ասել առհասարակ, որ զգուշությունը նրա կյանքի կանոնն էր։ Հացը տուն բերելիս՝ բռնում էր նավթավառի վրա՝ ախտահանելու. նույնպես վարվում էր և այն մթերքների հետ, որ եփել կամ լվալ չէր կարելի. իսկ շատ մրգեր նա եփում էր կամ լվանում եռման ջրով։ Նույնիսկ խաղողը նա լվանում էր՝ հատիկները պոկելով։ Նա մեծ մասամբ տանն էր ճաշում, և ճաշարան գնում էր սակավ. բայց երբ գնում էր՝ հետը տանում էր դանակ, պատառաքաղ և գդալ մի անձեռոցիկի մեջ փաթաթած։

Վարակվելու երկյուղից գիրք նույնպես կարդում էր սակավ. գերադասում էր միայն նոր գրքերը, որ թղթատած չէին լինում. իսկ եթե հետաքրքրությունը կամ այլ հանգամանք ստիպեր կարդալ գործածված գիրք, այդ ժամանակ գիրքը թերթում էր ոչ թե ներքևից, այլ վերևից. մի բան, որ իր կարծիքով, ուրիշի մտքով հազիվ անցած լիներ, թե թերթերը վերևից մաքուր կլինեն։ Բայց երբ մի անգամ ընկերներից մեկը նկատեց, թե գրքի վերին մասը նույնպես կասկածելի պետք է համարել մաքրության տեսակետից, որովհետև դարակում թե պահարանում փոշին նստում է միայն վերին կողմը՝ Պրոպոսն անմիջապես թողեց ընթերցանությունը, գրքերը համարելով ավելի վտանգավոր բաներ, քան կարծել էր։

Պատմում էին, որ այդ զգուշությունը նրան թույլ չէր տվել ամուսնանալու, և երբ որևէ մեկը հարցնում էր, թե ինչո՞ւ չի ամուսնանում, Պրոպոսը ժպտում էր ներողամիտ.

— Իսկ ի՞նչ օգուտ ամուսնությունից։ Ո՞վ է շահվել դրանից...

Բայց իրոք նա այն կարծիքի էր, թե մարդկանց մեծ մասի մահվան պատճառը եղել է կինը։ Կանայք նրա աչքում նույնպես ախտավոր էին և ամեն տեսակ հիվանդության անոթ։ Ու նա կանանցից խորշում էր այնպես, ինչպես հիվանդությունից, ինչպես չարիքից։

Այս էլ պիտի ասել, որ Պրոպոսը, երբ որևէ տկարություն կամ թուլություն էր զգում, երբեք չէր դիմում բժիշկների, չգիտես խորշելով նրանց ընդունասրահներից, որ լցվում էին ամեն տեսակ հիվանդներով, թե ծածուկ մի երկյուղ ունենալով նրանցից, որ գործ էին ունենում միշտ հիվանդների ու մեռելների հետ, սակայն ամեն դեպքում առնում էր վաղուց ի վեր հայտնի դեղեր և գործադրում. օրինակ, մրսածության դեմ ասպիրին, հարբուխի դեմ մանանեխ և այլն։ Իսկ ընդհանրապես, կատարյալ զգուշության համար, նախքան կպառկեր քնելու, լվացվելուց զատ, քթի սահմանները, բերանի շուրջը և ականջների խոռոչը քսում էր մածուցիկ մի հեղուկ, ախտահանիչ մի դեղ, որ բացիլները դրան հանդիպելով՝ ներս չգնան... ապա մտնում էր անկողին՝ դուռն ու լուսամուտն ամուր փակած մարդու ապահովությամբ։

Այո, Պրոպոսը շատ զգույշ մարդ էր թե պաշտոնի մեջ և թե մանավանդ իր նկատմամբ։

Նրա այդ զգուշության առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ զգուշանում էր եղանակի փոփոխությունից, ավելի շուտ ցրտից. ձմեռները միշտ հագնում էր բրդե կամ բամբակած հագուստներ, խոր կրկնակոշիկներ, դնում էր գառան մորթուց կարած հայկական տաք գդակ, որի ներսը բնականաբար բամբակե աստառ էր ունենում։ Իսկ ամառները տնից դուրս գալուց առաջ, նա թաշկինակը հանում բռնում էր լուսամուաից դուրս՝ եղանակն ստուգելու, եթե քամին փչում էր հյուսիսից՝ հագնում էր մի բան ավելի, կամ վերցնում էր վերարկուն, եթե փչում էր հարավից — վերցնում էր հովանոցը՝ արևից պաշտպանվելու։ Իսկ եթե ոչ մի կողմից քամի չէր լինում-ոչինչ էլ չէր վերցնում։ Բայց այդպիսի դեպքերում զղջում էր հաճախ, որ բան չէր վերցրել հետո, որովհետև անակնկալ անձրև էր գալիս, կամ քամի բարձրանում։

Այդ պատճառով էլ վերջին ժամանակները նա հովանոցը միշտ առնում էր հետը, իբրև ձեռնափայտ, որ հարկ եղած դեպքում պաշտպանվեր արևից կամ անձրևից։ Եվ հովանոցի մասին նա կյանքի վերջին օրերին այն կարծիքն էր կազմել, թե դա աշխարհի կարևոր գյուտերից մեկն է, որ մարդկանց փրկում է շատ վտանգներից։

Վարակից ու ցրտից հետո իմ հերոսի ամենամեծ վախը կրակն էր—հրդեհը։ Երբ ընկեր-բարեկամ երբեմն առաջարկում էին՝ միասին գնալ թատրոն կամ կինո, նա, խուսափելու համար, հրաժարվում էր մի որևէ պատրվակով.

— Զբաղված եմ... Կարևոր տեղ եմ գնալու։

Բայց, իսկապես, մտածում էր, թե գնա ու հանկարծ հրդեհ պատահի, հետո — դե արի ու արդ ահագին բազմության միջից փողոց դուրս եկ։

Հրդեհի այդ երկյուղը նա ուներ և իր սեփական բնակարանի համար, որը գտնվում էր մի մեծ տան երկրորդ հարկում։ Այն օրվանից, երբ հարևան մի տուն հրդեհ ընկավ և, բնակիչները հազիվ կարողացան դուրս փախչել, իսկ մեկը, երկրորդ հարկի լուսամուտից թռչելով, ոտքը կոտրեց, այդ օրվանից Պրոպոսը շարունակ մտածում էր հրդեհի մասին. հանկարծ իր տանն էլ մի այդպիսի հրդեհ ծագի՜... ու հանկարծ, մինչև իր իմանալը, փայտե սանդուղը խորտակվի... Դրա համար նա գտել էր մի միջոց, իր սենյակում, բարձի տակ պահում էր մի թոկ, մի հաստ ու երկար պարան, որ, հրդեհի դեպքում, մի տեղից կապելով ու բռնելով իջնի պատշգամից կամ լուսամուտից։ Իսկ պարանը բարձի տակ պահում էր նրա համար, որ հրդեհը ծագելուն պես (չգիտես ինչո՛ւ նա ենթադրում էր, թե հրդեհը կծագի գիշերը), դեսուդեն չընկնի, ժամանակ չկորցնի... Բայց պետք է ասել, որ նա երբեք չէր կարծում, թե հրդեհի պատճառ կարող է լինել ինքը, որովհետև նավթավառի հետ վարվում էր շատ զգույշ և վառ լուցկին երբեք մոխրաման չէր գցում, այլ հանգցնում էր իսկույն։ Բացի դրանից՝ Պրոպոսն ինքը չէր ծխում. նրա երկյուղը հարևաններից էր, որոնց մի փոքրիկ անզգուշությունը կարող էր տունը հրդեհել,— ահա ինչո՛ւ նա թոկը միշտ բարձի տակ էր պահում... Ի դեպ. դա բավական երկար մի թոկ էր. առել էր այն հաշվով, որ, հրդեհի դեպքում, երկու տակ պիտի կապվեր պատշգամի սյունից կամ լուսամուտի ներքևի մասի փայտից ու հասներ մինչև գետին։ Ուրեմն՝ ուներ մոտ հինգ-վեց սաժեն երկարություն։ Անկողին մտնելիս, երբ, ըստ սովորության, փակում էր լուսամուտի օդանցքը, որ ամառը մոծակներ ու այլ միջատներ չմտնեն ներս, իսկ ձմեռը՝ ցուրտ. բարձը միշտ դնում էր տափակ, որ հանկարծ շնչարգելություն չունենա կամ, մոր ասած, վիզը «մսահանգուստ» չլինի, ու թոկը դնում էր բարձի տակ պատրաստ, այսինքն՝ մի ծայրը միշտ դուրս թողած, որ ձեռը հասցնի իսկույն։

Ու քնելիս միշտ հրդեհի մասին էր մտածում, հաճախ էլ երազում հրդեհ էր տեսնում. պատճառը միայն հարևան տան հրդեհի տպավորությունը չէր, այլ և այն, որ անմիջապես նրա սենյակի տակ, ներքևի հարկում ապրող կոոպերատորի կինը նրան այնքան էլ զգույշ ու շրջահայաց չէր թվում. ավելի շուտ՝ Պրոպոսը նրան համարում էր թափթփված, փնթի արարած, որ երբեմն նավթավառը դնում էր պատշգամում՝ կերակուր եփելու ու ինքը գնում էր խանութները գնումներ անելու կամ հարևանուհիների հետ զրուցելու. նավթավառը երբեմն բոցը բարձրացնում էր, մուր արձակում, և այդ ավելի շատ հարևանուհիներն էին նկատում, քան թե այդ շփերթ կինը. ու կամ իրենք էին մեքենայի բոցը իջեցնում կամ նրան էին կանչում՝ կարգի բերելու։ Մյուս կողմից Պրոպոսը նկատել էր, թե այդ կնոջ ամուսինը՝ կոոպերատորը, որ նույնպես մի ցրված մարդ էր, գիշերները պառկած ծխում էր գլանակ-գլանակի ետևից. ո՞վ կարող էր երաշխավորել, թե մի կայծ չէր ընկնի հատակի փռվածքին կամ սավանին և չէր բռնկի աննկատելի, ու հրդեհ չէր սկսվի ամենքի խորը քնած միջոցին։ Չէ որ քնածն ու մեռածը մեկ է, ասում են։

Այդ էր պատճառը, որ նա գիշերները երբեմն վեր էր թռչում անկողնում՝ հավաստիանալու, թե հրդեհ չկա՞ արդյոք։ Տեսնելով ամեն ինչ հանգիստ է՝ նա մի վերջին անգամ օդը հոտոտում էր և, ծխի հոտ չառնելով, քուն էր մտնում նորից, մտածելով, որ կոոպերատորը, երևի, էլ չի ծխի, ուրեմն կարելի է ապահով լինել...

Այդ գիշերը։ Իսկ ցերեկը՝ բանկում, աշխատանքի ժամերին մեկ-երկու անգամ միտն էր ընկնում վարի հարկում ապրող հարևանուհու նավթավառը ու ամեն անգամ մտածում էր՝ տուն դառնալիս զգուշացնել նրան... Բայց, տուն գալով, միշտ էլ անհարմար էր համարում, մտածելով, թե զգուշացման իր խոսքը նա կարող է ընդունել իբրև նկատողություն և նեղանալ. մյուս կողմից վախենում էր այդ «բերան պատռած» կինը ծաղրի իրեն, հեգնի կամ անվայել բաներ ասի, ինչպես ասում էր հարևանուհիներին հաճախ, նրանց անմեղ խոսքերի համար։ Ու այդ պահերին հիմնարկում Պրոպոսը տունը պատկերացնում էր բոցերի մեջ. դեղին, հրեղեն լեզուները պատշգամի սյուները լիզելով՝ վարի հարկից մագլցում են վերի հարկը... Հարևանները, ամենից առաջ երեխաները, նկատում են հրդեհը և ճիչով, աղմուկով վազում դեպ իրենց տունը... Երբեմն այդ տեսիլն այնքան որոշ, պատահարն այնքան հավանական էր թվում, որ Պրոպոսը ցանկություն էր ունենում գնալ անմիջապես տուն և սեփական աչքերով տեսնել, թե չի՞ պատահել իսկապես ծանր մի աղետ...

Սակայն, լավ իմանալով, որ ցանկացած ժամին գործը թողնել, տուն գնալ չի կարող, նա իրեն մխիթարում էր նրանով, որ լավ է, եթե հրդեհը աշխատանքի ժամերին պատահի՝ ինքը գոնե տանը չի լինի։ Կարևորն այն է, որ հրդեհը գիշերը չպատահի, իր քնած ժամանակ... Թեև թոկը պատրաստ գրված էր բարձի տակ, բայց և այնպես կարող էր քնով անցնել և չկարողանալ ժամանակին զարթնել՝ թոկը կապել-իջնելու համար։

Պրոպոսը, ճիշտ է, երբեմն մտածում էր և այն մասին, թե լավ կլինի թերևս բնակարանը փոխի՝ կոոպերատորի կնոջ վտանգից ազատվելու համար. սակայն գտնում էր, թե ոչ մի երաշխիք չկա, որ այդ նոր տանը չեն լինի կոոպերատորի կնոջ նման մի կամ երկու կին. և նա, երկար խորհելուց հետո, գերադասում էր լինել «էլի ծանոթ սատանայի հետ, քան թե անփորձ քահանայի»։

Ու նորից մտածում էր և որոշում՝ ամենից առաջ «լեզու գտնել» հարևանների հետ։ Այո, գնալ ամեն մեկի տունն առանձին կամ, եթե դա հնարավոր չէ, հանդիպելիս՝ բացատրել յուրաքանչյուրին, թե որքա՜ն սարսափելի բան է հրդեհը և թե ի՜նչ աղետներ կբերի նա, եթե թեթև մի անզգուշություն թույլ տան իրենց... Պետք է զգուշացնել և վախեցնել... Բայց ամենից շուտ պետք էր խոսել կոոպերատորի կնոջ հետ, որ ամենից անզգույշն էր և անփույթը։ Այո, ամենից առաջ նրա հետ,— մտածում էր Պրոպոսը, գտնելով, որ նրա հետ խոսելով միայն կարող է կանխել ծանր աղետը։

Բայց մինչ նա լեզու կգտներ հարևանների հետ կամ կխոսեր կոոպերատորի կնոջ հետ՝ պատահեց մի տխուր դեպք, որ բոլորովին ալեկոծեց Պրոպոսի կյանքն ու հանգիստը, մոռացնել տալով հրդեհը։

Մի անգամ, ամառային մի պայծառ օր նա բանկից տուն գալով՝ պառկեց բազմոցին ետճաշյա հանգիստը առնելու և, ըստ սովորության, օրվա թերթը «մի փոքր» կարդալու։ Եվ հազիվ պառկել էր, ձեռը տարավ դեպի կուրծքը՝ շապիկն ուղղելու... տարավ ձեռը և, զարմացած ասեմ թե վախեցած, ետ քաշեց. նրա մարմնով թեթև մի դող անցավ, իսկ դեմքով տխրության ստվեր... Բայց, չնայած դրան, նա ձեռը նորից տարավ դեպի կուրծքը. այս անգամ ուշադիր զննեըով այն տեղը, որ նրան տարօրինակ թվաց քիչ առաջ...

Եվ, իրոք, ոչ միայն տարօրինակ, այլև շատ զարմանալի էր, կրծքի վանդակի վրա գոյացել էր մի փոքրիկ, կաղինի չափ փոքրիկ խուլ. մի բան, որ նա երբեք չէր տեսել իր մարմնի վրա։ Ի՞նչ կարող էր լինել. և ինչո՞ւ մինչև հիմա այդ տեսակ բան իր վրա երբեք չէր եղել ու հանկարծ հայտնվել է, և այն էլ այդպիսի մի կարևոր տեղ, մարմնի մի այդպիսի կարևոր մասում։ Ի՞նչ կարող է լինել...

Եվ նա սկսեց մտածել, մտատանջվել ու ամեն տեսակ ենթադրություններ անել այդ խուլի մասին.— ինչե՜ր ասեք չանցավնրա գլխով, ու մեկ էլ նրան շանթահարեց մի սարսափելի միտք՝ հանկարծ քաղցկեղ՝ ռակ լինի... մի հիվանդություն, որ առաջանում է, ասում են, քառսունն անց տարիք ունեցողների մոտ... Իսկ նա ինքն արդեն հիսուն է, անգամ մի քիչ ավելի... Ուրեմն դա՛ է։ Ա՛յ ինչպես է գալիս դժբախտությունը. ապրում ես քեզ համար՝ մեկ էլ տեսաք մի հասարակ բան, մի խուլ... և վերջ։

«Բայց կարող է պատահել ռակ չէ»,— մտածում էր Պրոպոսը, վախենալով ձեռք տալ խուլին. գուցե ուրիշ բան է... Սակայն ուրիշ ի՞նչ կարող է լինել. ի՞նչը կարող է հանկարծ այսպես գոյանալ մաշկի տակ...

Եվ Պրոպոսը չհամբերեց ու մատը նորից տարավ դեպի խուլը և զգուշությամբ շոշափեց այն, մի զգուշությամբ, որ մատը կարծես կարող էր վարակվել. մյուս կողմից նա զգուշությամբ էր անում այդ, վախենալով, թե խուլը կմեծանա հանկարծ։

Այո, այդ է, ուրիշ ոչինչ... միայն՝ ռակն է առաջանում այսպես անսպասելի։ Ահա ինչու այսօր կոլեգա Գարեգինը հարցրեց, թե ինչո՞ւ է նիհարել։ Ուրեմն՝ սա սկսել է արդեն իր ազդեցությունը օրգանիզմի վրա։ Միշտ այդպես է լինում, ասում են. նախ սկսում է նիհարեցնել, ախորժակը փակել... տրամադրությունը վատացնել, հյուծել և ապա... ապա լինում է այն, ինչ անխուսափելի է...

Հիշելով պաշտոնակիցների հայացքներն ու ակնարկները՝ հիմա Պրոպոսին թվում էր, թե նրանք, երևի, վաղուց են նկատել իր նիհարելը, բայց, հավանաբար, չեն ասել փափկանկատությամբ։ Նրան թվում էր նույնպես, թե իր ախորժակը փակվել է արդեն. էլ չի կարողանում ճաշել առաջվա նման... Դա էլ անշուշտ վատ նշաններից է։

Այստեղ Պրոպոսը ծանր հոգոց քաշելովի՝ վեր կացավ, նստեց բազմոցին ու տարվեց տխուր խոհերով. նա երբեք մտքով չէր անցրել, թե կարող է մի օր հիվանդանալ ռակով, երևակայել էր ամեն տեսակ բան, ամեն պատահար ու հիվանդություն, բայց երբեք ռակ... Լիներ ուրիշ մի հիվանդություն՝ դեռ կարելի էր բուժվել, ազատվել. հոժարությամբ կարելի էր պառկել գործողության սեղանին՝ բժշկի դանակի տակ։ Ամենածանր գործողության ժամանակ էլ հույս է լինում բուժվելու և ապրելու. բայց սրանից՝ երբե՛ք. դեռ չի պատահել մեկը դրանից բուժվի, ազատվի... Սա մի հիվանդություն է, որ մարդուց աստիճանաբար խլում է այն բոլոր լավն ու կարևորը (ախորժակ, լավ տրամադրություն ու հանգստություն), որոնք համ են տալիս կյանքին, և՝ տանջում, տանջում է անվերջ։

Եվ խեղճ Պրոպոսն իրեն պատկերացրեց պառկած, անկողին ընկած, ծանր տանջանքների մեջ... ապա երևակայեց, թե որքա՛ն պիտի փոխի այդ հիվանդությունն իր արտաքինը, որ միշտ լավ է եղել, և ազդեցիկ ու դուրեկան, ինչպես ասել էին իրեն շատ անգամ. հաճելի, ինչպես թվացել էր ընկերներին, բարեհամբույր, ինչպես կարծում էր ինքը... Բայց հիմա, այսուհետև, այդ բոլորն էլ չի լինելու. պիտի կորչի, չքանա, տեղի տալով մի տխուր, մաղձոտ ու դժգոհ արտահայտության, ինչ ունենում են այդ անպիտան ցավով տառապողները։

Մռայլ, անհրապույր հեռանկարը Պրոպոսի սիրտը լցրեց հուսահատությամբ և նա, շնչարգելության պես մի բան զգալով, ելավ բազմոցից ու սկսեց երթևեկել սենյակում։

Ահա քեզ սյուրպրի՜զ... Նա շարունակ զգուշանում էր վարակումներից, վարակիչ հիվանդություններից, երևակայում էր, թե տունը հրդեհ կընկնի և ինքը քնած ժամանակ չի զգա... բայց ահա մի հիվանդություն, որի մասին ոչ երևակայել էր, ոչ մտածել։

Այդ օրը Պրոպոսը չքնեց ճաշից հետո. իր տխուր, աշնան ճանճերի պես համառ մտքերով երկար շրջեց սենյակում, հետո գրադարակից վերցրեց «Բժշկարանն» ու հանրագիտարանի հատորներից մեկը և, ռակ բառը գտնելով, սկսեց կարդալ նախ ինքն իրեն, մտքի մեջ, ապա, կարծես չըմբռնելով, շարունակեց բարձրաձայն, որ ավելի լավ հասկանա։ Հիվանդության նշանների նկարագրությունը զարմացրին նրան. թվում էր, թե այն բոլորը, ինչ գրված-նկարագրված է, ինքն ունի, ուստի ամեն մի նշանի նկարագրության հանդիպելով՝ ասում էր մտքում.

«Իմն էլ ճիշտ այսպես է, ես էլ այսպես եմ զգում»...

Հիվանդության մանրամասն նկարագրությունը կարդաց մի քանի անգամ, ապա կանգ առավ և կրկնեց այն մասերը, որոնք իրենին ավելի նման էին թվում նրան։ Կարդաց, հանրագիտարանի հատորը դրեց ծնկներին ու նորից ծանր հոգոցներ արձակեց։

Ահա՛ քեզ անախորժ նորություն... Ահա քեզ զգուշություն... Որքան էլ զգուշանում է մարդ՝ այնուամենայնիվ, կան բաներ, որոնցից չես կարող ոչ զգուշանալ, ոչ պաշտպանվել։ Քաղցկե՜ղ... ռա՜կ... Անունն իրենից անախորժ է։

Միառժամ անշարժ նստելուց հետո՝ նա գիրքը, վերջապես, դրեց մի կողմ և սկսեց մտածել, թե ինչ պետք է անել հիմա. ընդունե՞լ որևէ դեղ, թ՛ե... Բայց ի՞նչ դեղ։ Հիվանդությունը պարզ է, և ամեն դեղ անզոր... Ոչ մի դեղ չի կարող օգնել։ Ոչ մի...

Ուշ երեկո էր, երբ Պրոպոսը հոգնած մտավ անկողին, մտածելով, որ այլևս փրկություն չկա իրեն, մնում է, որ գործերը, հաշիվները կարգադրի և այնպես պատրաստվի մահվան։

Եվ մյուս օրը նա պաշտոնատուն գնաց շատ ընկճված տրամադրությամբ, որոշելով առայժմ ոչ ոքի չհայտնել իր հիվանդությունը. դա որքան մեծ դժբախտություն, նույնքան և մեծ խայտառակություն էր թվում նրան. հայտնել, թե հիվանդ է այս ինչ բանով — նախ լեզուն չէր զորի կարծես, երկրորդ թվում էր սնանկության պես մի բան,— այսքան զգուշանալ ամեն բանից, վարակվելու վտանգից և հանկարծ հիվանդանալ անբուժելի մի հիվանդությամբ— դա կատարյալ խայտառակություն չէ՞ր միթե,— մտածում էր նա և գտնում էր, որ լսողները նախ պիտի չարախնդային իրենց մտքում, թե «ահա զգուշանում էր». պիտի ցավեին առերես, հետո ուրախանային, որ այդ հիվանդությունն իրենց չի պատահել, որ իր տեղը հիմնարկում կազատվի և ամեն մեկը կուզի իր բարեկամին բերել այդ պաշտոնին։ Չէ՛, նա ոչ մեկին ոչինչ չի հայտնի։ Ոչի՜նչ։

Բայց պաշտոնատուն գալով՝ Պրոպոսը մի անդիմադրելի ցանկություն ունեցավ խոսել, հարցուփորձել այդ հիվանդության մասին, թեև անվերապահ հավատում էր հանրագիտարանի հեղինակության, բայց նրան թվում էր այլ են կենդանի մարդիկ, որ երբեմն ավելի շատ բան են իմանում։ Սակայն ո՞ւմ հետ խոսել, ո՞ւմ հարցնել և ինչպե՞ս, նա կարծում էր, որ ամեն մարդու և ամեն պաշտոնակցի հետ չէր կարելի խոսել. ամեն մարդ տրամադրություն չէր ունենա խասելու և չէր հասկանա այդ հիվանդությունը։ Պաշտոնակիցների մեջ միակ մարդը, որի հետ կարող էր խոսել, նրան թվում էր դարձյալ իր դիմացն աշխատող հաշվապահ Գարեգինն էր, որի հետ խոսում էր երբեմն, և որը նրան թվում էր ուշադիր ու կարեկից մարդ։ Այնուամենայնիվ, նրան ևս բացարձակ վստահությամբ չէր վերաբերվում Պրոպոսը, ուստի և սկսեց շատ հեռվից.

— Կոլեգա Գարեգին, ձեզ մի բան հարցնեմ։ Մեր բակում ապրում էր մի շատ առողջ մարդ. վերջերս հանկարծ հիվանդացել է ռակով։ Այդ ինչպե՞ս է պատահում, որ մարդիկ ռակ հիվանդություն են ստանում։

Կոլեգա Գարեգինը գլուխը բարձրացրեց իր հաշվեգրքից և իրեն հատուկ քաղաքավարությամբ, որով հայտնի էր հիմնարկում, պատասխանեց հանդարտ։

— Բժիշկների ասելով՝ դրա պատճառները տարբեր են. վիշտ, հոգեկան ցնցում կամ ժառանգականություն։

«Այդ բաները ես չեմ ունեցել,— մտածեց Պրոպոսը։— Ոչ էլ ծնողներս են մեռել այդ հիվանդությունից»։

— Իսկ եթե մեկը չի՞ ունեցել այդ բաները կամ ծնողները չե՞ն մեռել ռակից։

— Ժառանգականությունը միայն ծնողներով չի վերջանում, կոլեգա Պրոպոս,— նկատեց կոլեգա Գարեգինը, որ ավելի տարիքով էր հարևանից։— Մենք ունենք բազմաթիվ պապեր ու տատեր, որոնցից յուրաքանչյուրն իր մի կաթիլ արյունով ապրեցնում կամ մեռցնում է մեզ։

— Այդ ինչպե՞ս, կոլեգա Գարեգին։ Ես հասկանում եմ, որ հիվանդությունը մորից, հորից անցնի որդուն. նու, ասենք՝ պապից ու տատից. բայց կարո՞ղ է պատահել, որ հեռու պապերից ու տատերից էլ գա...

— Ցավն էլ այն է, կոլեգա Պրոպոս, որ մեռելները երկար են ապրում մեր մեջ. գիտնականներն ասում են, թե այդ մեռելները ղեկավարում են մեր ճաշակը, մեր սերը, մեր քայլերն ու հակումները և... կարգադրում մեր առողջությունն ու մահը...

Պրոպոսն ուշադիր, բայց աչքերը թարթելով լսում էր պաշտոնակցին և վայրկյան առ վայրկյան զգում, որ ներսը սառչում է մի բան. իսկ կոլեգայի վերջին խոսքերի վրա՝ սպրդնեց պարզապես.— ի՞նչ իմանաս իսկապես մի որևէ հեռավոր պապ կամ մի անպիտան տատ չի մեռել հենց ռակից և այդ ահավոր հիվանդությունը ժառանգել իրեն. չէ՞ որ ամբողջ խնդիրն արյան կաթիլի հարց է. հորը չի կարողացել բռնել, եկել իրեն է բռնել...

Եվ այդ հավանականությունը այնքան իրական թվաց Պրոպոսին, որ նա ակամա հոգոց արձակեց, առանց պաշտոնակցին նայելու, մյուս կողմից կոլեգայի խոսքը, որը ասաց նա համոզված ու գիտակ մարդու, համարյա բժշկի հեղինակությամբ— այնպես ազդեցին խեղճ Պրոպոսի վրա, որ նա էլ խոսելու ցանկություն չունեցավ՝ ծանր մտքերի ետևից ընկած։ Կոլեգա Գարեգինն էլ, իր խոսքը վերջացրած համարելով, նորից կռացավ մատյանների վրա, աշխատելով գտնել հաշիվների, թվերի այն շղթան, որ թողել էր։ Ու այն է գտել էր հազիվ և ուզում էր շարունակել, Պրոպոսը նորից հարց տվեց.

— Իսկ այդ հիվանդությունը, որքան գիտեմ, շատ էլ թեթև հիվանդություններից չէ, կոլեգա Գարեգին։ Այնպես չէ՞։

Կոլեգա Գարեգինը գլուխը բարձրացրեց։

- Ոչ միայն թեթևներից չէ, այլև շատ ծանր է։ Պատահում է՝ մի քանի օրվա մեջ հիվանդությունն այնպես է զարգանում, որ հիվանդն անկողին է ընկնում, հյուծվում, կմախքանում և անասելի տանջանքներով մեռնում։

Ու նա նորից, բժշկի նման հեղինակավոր տոնավ, բերեց մի քանի օրինակներ, թե ինչպես իր ծանոթներից ու բարեկամներից մի քանիսը մեռել են այդ ծանր ու դաժան հիվանդությունից։

Խեղճ Պրոպոսը լսում էր գունատված և նրան թվում էր, թե կրծքի ուռուցքը մեծանում է, ցավում. ու վախենում էր ձեռը տանել դեպի կուրծքը կամ դեմքը կնճռել ցավից, որովհետև նա, ինչպես ասինք, այդ հիվանդությունից ամաչում էր, ինչպես մեծ մի խայտառակությունից։

Լսում էր Պրոպտսը և ինքն իրեն մտածում, որ հիվանդությունը որոշ է արդեն և ամեն ինչ պարզ։

Կոլեգայի վերջին բացատրությունը Պրոպոսը լսեց անխոս և, երբ նա վերջացրեց, գլուխը կախեց իր մատյանների վրա. չուզեց այլևս հարցեր տալ. նրան թվում էր իր հարցասիրությամբ նույնպես կարող է մատնել իրեն. կոլեգան կարող էր հետաքրքրվել, թե չլինի՞ մի բան կա, կամ թե որևէ բան չի՞ պատահել նրան։ Մյուս կողմից՝ նրան զբաղեցնողն այդ ժամին իր հիվանդություն էր և այդ հիվանդության մասին կոլեգայի հայտնած մտքերը, որոնք ասես սարսափի անձրև եղան նրա համար։

«Ուրեմն մի քանի օրվա մեջ այդ անպիտան հիվանդությունն այնպես է զարգանում, որ մարդու անկողին է գցում, և այնուհետև սկսվում են տանջանքները»... Այդ մասին Պրոպտսը լսել էր և ուրիշ անգամներ, բայց այն ժամանակ առանձին կարևորություն չէր տվել. հիմա սակայն լսածը թվում էր ահավոր։ Հանրագիտարանում կարդացածը նրան այնպես սարսափելի չթվաց, ինչպես կենդանի խոսքով լսածը և օրինակները։— Ինչպե՞ս, ընկնել անկողին և տառապել ամիսներո՜վ... այն էլ սոսկալի տանջանքներով։ Ո՞վ է այդ ժամանակ խնամելու իրեն, ո՞վ կարող է պահել իրեն, թեկուզև լավ վճարես... Կարելի է տանջվել մի հիվանդության համար, եթե համոզված լինես, որ կազատվես, կարող ես ազատվել, ապաքինվել մի ամիս, երկու ամիս, ասենք, մի տարի հետո... Բայց երբ ոչ հույս կա, ոչ ազատում— արժե՞ տանել, տառապել...

Ու քանի մտածում՝ Պրոպոսն այնքան դժբախտ և անհույս էր տեսնում իր վիճակը. ամեն ինչ համարում էր պարզ, անխուսափելի ու սարսափելի... նրան թվում էր, թե մի, երկու ամսից հետո ամեն ինչ պիտի վերջանար... Եվ ինչո՞ւ այսպես եղավ. ինչո՞ւ այս բանը պիտի պատահեր հենց իրեն, որ միշտ այնքան գզույշ է եղել, ամեն ինչից պատրաստ, մաքրակենցաղ, ուրիշների լավին-վատին չխառնվող...

Այդ օրր ծանր մտքերը չթողին նրան կենտրոնանար իր աշխատանքի վրա. թվերը կարծես փախչում, խուսափում էին նրանից, տողերը խաղում էին աչքերի առջև. երբեմն ուղղակի ոչինչ չէր տեսնում, որովհետև կուրծքը... նրան շարունակ թվում էր, թե կրծքի խուլը ուռչում. մեծանում է և ճանկերը տարածում ավելի... Եվ նա մտածում էր, թե երբ պիտի հասնի աշխատանքի վերջը, որ գնա տուն՝ կուրծքը բացի ու տեսնի, թե որքան մեծացած կլինի խուլը, այդ անպիտան խուլը, որը քանի գնա պիտի զարգանա անասելի, չտեսնված արագությամբ ու...

Եվ երբ աշխատանքը վերջացավ ու Պրոպոսը տուն վերադարձավ, նրա առաջին գործն եղավ կուրծքը բանալ և նայել ուռուցքը։

Զարմանալի բա՜ն. նրան այնպես թվաց, թե երեկվա կաղինի չափ ուռուցքը ավելի էր մեծացել ու տարածվել։ Թեև ոչ մի տարբերություն չկար երեկվա և այսօրվա ուռուցքների միջև, բայը Պրոպոսին այնպես էր թվում, թե ահագին մեծացել է այն և արդեն ցավում է մատ դիպցնելիս։

«Չէ, պա՛րզ է, պա՛րզ է։ Կոլեգա Գարեգինը ճիշտ է ասում,— մտածեց Պրոպոսը հուսահատ։— Այս զզվելի հիվանդությունը զարգանում է զարմանալի արագությամբ»...

Եվ կասկածները, հուսահատ, ծանր կասկածներն ու մռայլ հեռանկարներն այնպես պաշարեցին նրան, որ Պրոպոսը, կուրծքը ծածկելով ու ժիլետի կոճակները գցելով, ընկավ իր երկարամյա, մեջտեղն արդեն փոս ընկած բազմոցի վրա ու երեսը ծածկեց ձեռներով։

Ու միառժամ այդպես նստելուց հետո նա վեր կացավ և գնաց դեպի անկողինը. ուզում էր հանվել ու պառկել, որովհետև իրեն արդեն շատ թուլացած էր զգում օրվա հուզումից հետո։ Բայց երբ բարձը վերցրեց շտկելու՝ նրա աչքովն ընկավ պարանը, որը պահում էր հրդեհից փրկվելու համար...

Այդ պարանն այժմ, չգիտես ինչու, նրան այնպես հետաքրքրեց, որ նա ուշադիր վերցրեց այն, բաց արավ նրա օղակները, ետ տվեց և, պարանը ձեռին, նորից տարվեց մտքերով։

Այժմ կասկածները նրան տանում էին ավելի հեռու, շա՛տ հեռու, ստեղծում էին մեկը մյուսից ծանր ու տխուր պատկերներ, տեսնում էր, թե ինչպես աստիճանաբար զարգանում է հիվանդությունը և ինքն անկողնում գամված գիշեր ու ցերեկ հալվում է մոմի պես, մեռնում է մաս-մաս աներևակայելի տանջանքների ու տառապանքների մեջ, բացարձակ մենակ ու անտեր...

Արժե՞ ապրել այդ կյանքի համար...

Երկար այդպես մնալուց հետո Պրոպոսը, վերջապես, թոկը դրավ ցած ու սկսեց երթևեկել ծանր, տրտում քայլերով։

Եվ շրջեց այդպես մինչև կեսգիշեր, ինչպես հետո պատմում էին ներքևում ապրող կոոպերատորն ու նրա կինը, ապա նրանք շատ ուշ զգացին աթոռի մի թխկոց էլ, աթոռի վայր ընկնելու թխկոց ու... ամեն ինչ լռեց...

Առավոտյան Պրոպոսին գտան պատի մեխից կախված (մի մեծ մեխից, որից մի ժամանակ նկար էր կախված) այն պարանով, որը նա բարձի տակ պահում էր հրդեհից փրկվելու։

Բժշկական քննությունը պարզեց, որ նա առանձինն հիվանդություն չի ունեցել. նրա մահը բացատրեցին մռայլ տրամադրությամբ, եղան մարդիկ էլ, որ ենթադրեցին, թե մեջտեղ թերևս մի վատնում կա, բայց դա հերքվեց բանկի ծառայողների կողմից, որ ներկա էին թաղմանը։

Ինչ վերաբերում է նրա կրծքի խուլին, կաղինաչափ փոքրիկ խուլին, բժիշկները դրան ուշադրություն անգամ չդարձրին, որովհետև դա մի սովորական ճարպախուլ էր։

Բայց նրա մահից հետո մնացին բազմազան դեղեր՝ շշերով ու տուփերով, որոնք լցնում էին նրա պահարանի մեծ մասը, դեղեր, որոնք գնել էր նա հիվանդություններից և մահից պաշտպանվելու։ Այդտեղ կային թե պիրամիդոն՝ գլխացավի դեմ, թե բորաթթու՝ բերան ու քիթ լվանալու համար, թե սալիցիլիում նատրի՝ հոդացավի դեմ, թե վալերյան կաթիլներ ու շատ այլ և այլ դեղեր՝ քինաքինա, ասպիրին, անգլիական աղ... ու ամեն մեկից այնքան շատ, որ բոլորը միասին կարող էր կազմել մի դպրոցական դեղատուն։

1916