Փոքրիկ պինգվին Ջոն եւ փոքրիկ կրիա Ջենը

Գրապահարան-ից
16:46, 29 Հոկտեմբերի 2015 տարբերակ, Չգիտեմ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Փոքրիկ պինգվին Ջոն եւ փոքրիկ կրիա Ջենը

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ
թարգմանիչ՝ Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոռացված ծննդյան օրը»

Եղել է, չի եղել, Ջո անունով մի փոքրիկ պինգվին է եղել։ Մայրիկի հետ նա ապրում էր Անտարկտիդայում։

Մի անգամ նա նստել էր այսբերգի վրա։ Հանկարծ այսբերգը ճեղքվեց, եւ Ջոն սառցաբեկորին նստած՝ լողաց դեպի բաց ծով։

Սառցաբեկորը լողաց դեպի հյուսիս, լողաց ու հասավ Կարիբյան ծով։ Իսկ Կարիբյան ծովում ապրում էր կրիա Ջենը։

Ջենը լողալ շատ էր սիրում, եւ մի անգամ, ծովում լողալիս, վեր նայեց ու տեսավ… ասենք, նա սկզբում չհասկացավ էլ, թե ինչ տեսավ։

— Արդյոք դա ի՞նչ է,— մտածեց Ջենը։— Եթե սառցի միջով նայենք վարից վեր, նման է փոքրիկ պինգվինի։ Այո, անկասկած, դա պինգվին է։

Փոքրիկ կրիան դուրս լողաց ծովի խորքերից եւ, իսկապես, սառցաբեկորի վրա տեսավ մի փոքրիկ պինգվինի։ Ջենն ու Ջոն շատ շուտ բարեկամներ դարձան։ Նարնք խաղում էին միասին, ձուկ էին որսում եւ լողում էին ստորջրյա լեռների արանքներում։

Իսկ հետո Ջենը հարցրեց․

— Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչպես են կրիայի ապուր եփում։

— Այո, հաճույքով,— պատասխանեց Ջոն։

— Դրա համար պետք է ընտրել մի շատ պարզ ու շոգ օր, երբ արեւն էլ սոսկալի կիզում է,— ասաց Ջենը։— Ափին պետք է պահածոյի մի մեծ տուփ դնել եւ մեջը բերնեբերան երեք քառորդ բաժին քաղցրահամ ու քառորդ բաժին էլ ծովային ջուր լցնել։ Իսկ հետո անհրաժեշտ է կրիային խնդրել, որ նա այդ տուփի մեջ հաճելի ու տաք վաննա ընդունի։


Արեւն ավելի ու ավելի կկիզի, պահածոյի տուփի ջուրը ավելի ու ավելի կտաքանա, կրիան էլ ավելի ու ավելի կտաքանա։ Ու երբ շատ տաքանա, դուրս կգա տուփից, որպեսզի մի քիչ լողա զով ծովում։ Իսկ տուփի մեջ պետք է մտնի մի ուրիշ կրիա։

Երբ այդ ուրիշ կրիան էլ շատ տաքանա, նա էլ դուրս կգա ու կսուզվի ծովը։ Կրիայի համեղ ապուրի համար անհրաժեշտ է ամենաքիչը հինգ կրիա։ Իսկ երբ ապուրը պատրաստ լինի, մարդը կգա եւ կրիայի ապուրը մեծ տուփից կլցնի բազմաթիվ փոքրիկ տուփերի մեջ։ Հետո ամուր կփակի այդ փոքրիկ տուփերը եւ վրաները պիտակներ կկպցնի։ Իսկ հիմա գնանք, որ ամենը ցույց տամ,— խոսքն ավարտեց նա։

Նրանք լողացին դեպի ափ ու այնտեղ տեսան երկու հատ խոշոր պահածոյի տուփ ու տասը կրիա, որոնք հերթով կրիայի ապուր էին պատրաստում։

— Ի՜նչ հետաքրքիր է,— ասաց Ջոն։— Ափսոս, որ իմ տուն գնալու ժամանակն է․ մայրիկը կանհանգստանա։

— Ինչ արած,— հառաչեց Ջենը։— Միայն թե ստիպված ես երկար լողալ տուն հասնելու համար։ Լավ կլինի մի ճար մտածենք։ Գիտե՞ս ինչ։ Եկ քեզ դնենք պահածոյի տուփի մեջ եւ փոստով ուղարկենք տուն։

Ջոն մտավ պահածոյի տուփի մեջ, իսկ Ջենը կափարիչով փակեց տուփը, պիտակի վրայի «Կրիայի» բառը ջնջեց ու փոխարենը գրեց՝ «Պինգվինի»։

Հետո տուփի վրա նամականիշներ փակցրեց ու հանձնեց փոստին։

Հետեւյալ օրը փոստատարը բախեց այն այսբերգը, որտեղ ապրում էր միսիս Մինգվինը, ու նրան հանձնեց պահածոյի տուփը։

— Շնորհակալություն,— ասաց միսիս Պինգվինը․ տուփը դրեց սառույցի վրա եւ շարունակեց զբաղվել տնային գործերով։

Փոշին սրբելը վերջացնելուց հետո, նա հիշեց պահածոյի տուփի մասին։

— Ապուր,— կարդաց նա պիտակի վրա։— Ի՜նչ լավ է… Ապուր… Ի՞նչ։ Պինգվինի ապո՞ւր… Օ՜հ, շո՛ւտ, շո՜ւտ… Օգնե՜ք…

Նա հանեց պահածոյի դանակը, բացեց տուփը, եւ տուփից դուրս ցատկեց Ջոն։