Քաղաքավարության վնասները

Գրապահարան-ից
17:02, 5 Հունվարի 2014 տարբերակ, Արգելիոն (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Քաղաքավարության վնասները

հեղինակ՝ Հակոբ Պարոնյան
աղբյուր՝ «Պատկերներ անցյալից»

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Բռնավոր մը կա, որ գեղեցիկ անվան տակ ծածկված` զմեզ գերության կը դատապարտե նույնիսկ այն առանձնաշորհմանց մեջ, զորս մեր կամքն կը շնորհե մեզ և որոց չհակառակիր օրենքն: Այս բռնավորը բնության ալ կը հակառակի և թույլ չտար անոր, որ ազատ համարձակ գործե մարդ էակին վրա: Այս բռնավորը քաղաքավարությունն է: Այս բռնավորին հակառակորդներն անկիրթ կանվանվին հանիրավի:

Այս քաղաքավարությունն քաշվելու բան չէ մանավանդ անոնց համար, որ կը սիրեն և տրամադրություն ունին բնության օրինաց հետևիլ և այս ընթացքով երջանկություն գտնել: Հասկցնելու համար, թե որչափ կը չարչարվին, կը հարստահարվին այս խեղճերն, արժան կդատենք քանի մ’օրինակներ մեջ բերել:

Բարեկամներեդ մեկուն անվան տոնախմբության ներկա գտնվիլ կը փափաքիս: Ընթրելեն հետո կելնես, բարեկամիդ տունը կերթաս, ուր սիրալիր ընդունելությունմը կը գտնես: Մեկ ժամու չափ նստելեն ետքը աչքերդ կսկսին գոցվիլ, և կուզես բազմոցի վրա ընկողմանիլ Քաղաքավարությունը կարգիլե: Ախորժակով ընթրած ըլլալով` գոտիդ քիչ մը թուլցնելու կամ քակելու պետքը կզգաս: Հրավիրելոց առջև ասանկ պետք մը զգալն հակառակ է քաղաքավարության: Քունը երթալով կը ծանրանա արտևանացդ վրա: Բազմության մեջ եկող քունն անկիրթին մեծն է, վանել հարկ է այդ քունը: Բնությունը քնացիր կըսե, քաղաքավարությունը մի քնքնար կը պոռա:

Փորձե և քիչ մը քնացիր:

Տան տերը գլխուդ վրան կը տնկվի:

— Ինձ նայեցեք, — կը պոռա սպասավորներուն, — քիչ մը ջուր բերեք Պապիկ աղային:

— Չէ, չէ, չեմ ուզեր ջուր:

— Ի՞նչու կը քնանաք Պապիկ աղա:

— Նստած տեղս քունս եկավ, ներեցեք:

— Մեզմե չախորժեցաք:

— Քավ լիցի:

— Ուրիշներուն տունը մինչև առտու կը նստեք, մեր տունը շուտ մը կը քնանաք:

— Շատ կերա այս գիշեր, այդ պատճառավ…

— Ոչ աս է, ոչ ան, — կըսե տան տիկինը, — մեր տունն աղեկ զբոսում չկա անոր համար…

— Կաղաչեմ, մի խոսիք այդպես:

— Ուրիշ տուն մը գտնվիք նե, հարկավ ալ ավելի պիտի զբոսնուիք և զվարճանայիք:

— Սիկարա մը բերեք Պապիկ աղային, — կը հրամայեց տան տերը:

— Խնձոր մը ըստկեցեք Պապիկ աղային, — կը հրամայե տան տիկինը:

— Շնորհակալ եմ:

— Խահվե մ’ եփեցեք:

— Թեյ մը բերեք:

— Ելիր, սանկ քիչ մը պտտե, Պապիկ աղա, որ քունդ փախչի:

— Եկուր, սքանպիլ մը խաղանք, որ չքնանաս, — կը պոռա անդիեն ուրիշ մը:

— Շնորհակալ եմ, դուք քեյֆերնուդ նայեցեք:

— Չըլլար, սքանպիլ մը խաղամ քեզի հետ:

Պապիկ աղան չկրնար դիմադրել: Կսկսի սքանպիլ խաղալ: Հազիվ կը խաղա երեք քառորդ, և ահա քունն վերստին կուգա:

— Մի քնանար, Պապիկ աղա:

— Չեմ քնանար կոր:

— Կը քնանաս կոր, Պապիկ աղա:

— Չեմ քնանար կոր:

— Եթե կուզես, բոլքա մը պարե, որ քունդ փախչի:

— Բոլքա չեմ գիտեր:

— Կը սորվիս:

— Թող տվեք զիս, Աստվածնիդ սիրեք նե, անդիի սենյակը կերթամ, կը քնանամ քիչ մը:

Անկարելի բան է: Տոնախմբության մեջ կը քնացվի՞:

Բռնությամբ պարի կը հանեն Պապիկ աղան, որ մտքեն իրարու ետևե կը շարե այն խոսքերը, զորս բարկությունն արտասանել կուտա մեզ նմանօրինակ պարագայից մեջ:

Պարը կը վերջանա: Պապիկ աղային քունը կփախչի:

Մեկ երկու ժամեն հրավիրյալները ոտք կելնեն մեկնելու համար: Պապիկ աղան ալ կելնե տուն կդառնա: Անկողին կը մտնե, չկրնար քնանալ. քունն անդառնալի կերպով փախած է: Կելնե անկողինեն, քիչ մը կը կարդա, որ քունը գա, չգար. ուրիշ քնաբեր գիրք մը կառնե. հնար չէ քնանալ նույնիսկ եթե… Օրվան կյանքը կարդա: Այսպես Պապիկ աղան մինչև առտու կը տապլտկի անկողնույն մեջ և կսկսի այն ատեն քնանալ, ուր ամեն մարդ կարթննա և գործի կերթա:

Ահավասիկ քաղաքավարության արդյունքը:

— Թող չերթար, էֆենտիմ, թող տունը նստեր, — պիտի առարկվի մեզ:

Միթե մարդս յուր տան մեջ ավելի ազատ է:

Փորձենք:

Իրիկունը տունդ կդառնաս, հագուստներդ կը հանես և գիշերազգեստ կը հագնիս և սենյակիդ մեկ անկյունը կը քաշվիս, կը նստիս: Քիչ մը կանցնի, կերակուրի սեղանը կը դրվի: Կինդ, հայրդ, մայրդ, զավակներդ, եղբայրներդ, քույրերդ, թոռներդ կառնես և վար կիջնաս ընթրելու: Սեղանեն կելնես, խահվեդ կը խմես և սանկ կերկննաս բազմոցիդ վրա:


Պապիկ աղան ստիպողական գործ մ’ունի և կը ստիպվի մեկ կողմե պանիր ու հաց ուտել փողոցի մեջ: Քաղաքավարությունը կարգիլե փողոցի մեջ անոթնալը: Կուզե բարեկամի մը խանութը մտնել և հոն ճաշել յուր պանիրն ու հացը:

Քաղաքավարությունը միշտ կը պոռա, թե բարեկամի մը խանութը ճաշարան չէ:

Պապիկ աղան խոսք տված է մեկուն. ժամադիր եղած է մեկու մը հետ:

Թող անոթի երթա ժամադրության տեղը, կըսե քաղաքավարությունը: Պապիկ աղան կը հնազանդի: Նույն օրն անոթի կանցունե և իրիկվան տուն կը դառնա թեթև տկարությամբ:

Այս ապաշխարանքին փոխարեն մարդկությունն ի՞նչ վարձատրություն կընե Պապիկ աղային, որ քաղաքավարության դեմ չմեղանչելու համար օր մը ծոմ պահեց: Ոչինչ: Ով իմացավ Պապիկ աղային այս զոհողությունն: Ոչ ոք: Բայց Աստված չընե, եթե փողոցն ուտելով քայլեր. որքան խոսքեր պիտի լսվեին…

Իմացա՞ք Պապիկ աղային ըրածը:

Վաճառական մը կը վայլե՞, եղբայր:

— Յուր վարկը կոտրեց, մեղք, բիացայի վրա 20.000 ոսկվո վարկ ուներ:

Քիչ մը համբերեր թող, փաթլամիշ չպիտի ըլլար յա…


***


Շաբաթ օր է, պիտի ածիլվի Գասպար աղան:

Սափրիչի մը խանութը կերթա:

— Սանկ շատ մը կածիլե՞ս ինձի և մազերս ալ կը կտրե՞ս:

— Ի՞նչու չէ:

Գասպար աղան կը նստի աթոռին վրա:

Սափրիչն ատենական գործողությունները կատարելեն ետքը կը սապոնե յուր նոր հաճախորդն և կը դիմե յուր զենքերուն:

— Քեզի սա կաղաչեմ, որ ածելիդ սուր ըլլա, որովհետև իմ մորուքս քիչ մը սերթ է, վերջը դուն ալ կը չարչարվիս, ես ալ:

— Հանգիստ եղեք, — կը պատասխանե սափրիչն` սուր ածելի մը ընտրելու երևույթն ունենալով:

— Գիտնալու եք, որ բերտահ ալ չեմ ուզեր, սանկ վրայեն թեթև կերպով անցնելու, ձգելու է:

— Ճանըմ, հոգ մ’ընեք, սափրիչ կա, սափրիչ ալ կա, — կըսե սափրիչն և ածելիով սպառազինյալ կը մոտենա Գասպար աղային:

— Շատ աղեկ:

— Գլուխդ սանկ դիր, նայիմ:

— Դրինք:

Գործողությունը կսկսի, որուն անմիջապես կը հաջորդե արյունահեղությունը:

— Կտրեցիր, եղբայրս, կամաց ըրե քիչ մը:

— Պզտիկ չիպան մը կար հոն, ան արյունեցավ:

— Ասդին ալ կտրվեցավ:

— Հոն ալ մազը ծուռ բուսեր էր:

— Ծնոտիս վրա՞ն հապա…

— Ծնոտդ կերկի բռնեցիր տե, անկից եղավ: Մի վախնար դուն, ես զանոնք հիմա քիչ մը բամբակով կը սխմեմ:

— Վազ անցա, պապամ, հոգիս ցավեցավ, երեսս կրակի պես կէրի կոր:

— Սանկ թեթև բերտահ մ’ընեմ ու երեսդ անուշահոտ քացախով լվամ նե, կանցնի, բան չմնար:

— Չեմ ուզեր բերտահ, չեմ ուզեր, լմնցուր:

— Առանց բերտահի չըլլար:

— Ճանըմ, գլուխն իմս չէ՞ մի:

— Գլուխդ քուկդ է, բայց ամեն խանութ պատիվ մ’ունի, ածիլվելու մազեր կան տակավին երեսիդ վրա ասդին անդին: Ասանկ ձգելն մեզի անպատվություն է: Դուն սանկ դիր գլուխդ և հանգիստ եղիր:

— Պե ճանըմ, զոռով զիս տանջե՞լ կուզես, ի՞նչ ըսել է սա, ես քու խաղալի՞քդ եմ, պատիվդ պաշտպանելու համար իմ երե՞սս ընտրեցիր ասպարեզ. դահիճի պես գլուխս տնկվեր, կեցեր ես:

— Բարկացած կերևաք կոր, անոր համար չեմ ուզեր պատասխանել. միայն կաղաչեմ, որ քիչ մը համբերեք, ու լըմնցնենք սա գործը:

Սափրիչը կը հաջողի նստեցնել Գասպար աղան, որ գլուխն սափրիչին տրամադրության տակ դրած` անոր ածելիին քերծվածներուն վանկերը կը համրե ակռաները սեղմելով:

Բայց վերջապես համբերությունը կհատնի և հանկարծ աթոռեն կը ցատկե`

— Հերիք պե, մա՛րդ, հերիք, արյան մեջ ձգեցիր երեսս` ըսելով:

— Լմնցավ, լմնցավ, — կը պատասխանե սափրիչն և պարզ ջուրով կը լվա Գասպար աղային երեսը:

— Էո՜ֆ, Էո՜ֆ...

— Տես դադրեցավ արյունը, չորս տեղեն միայն կը բխի կոր, ան ալ քիչ մը բուտրայով կանցունենք հիմա:

— Ըրե՜, եղբայր, ինչ որ պիտի ընես, լմնցուր, վերջացա, այ մարդ վերջացա. պիթիմ, պե ատա՛մ, պիթիմ:

— Չեմ ուրանա, թե մորուքդ քիչ մը սերթ է:

— Առաջուց ըսինք ձեզի, էֆենտիմ:

Սափրիչն յուր բոլոր ուժն կսպառե բրնձի փոշիով դադրեցնել արյունահեղությունը և չհաջողիր:

— Հարյուր տրամի մոտ արյուն հանեցիր, պե ատամ:

— Ծո՛, սա շիշեն տուր:

Աշակերտը սրվակ մը կը բերե պարունակությունն դժոխային քարե պատրաստված բաղադրություն մ’ըլլալու էր, որովհետև ամեն անգամ, որ փետուրի մը ծայրով կը քսեր այն ջուրեն Գասպար աղային երեսը, Գասպար աղան դժոխային ցավեր կզգար և վեր-վեր կը ցատկեր:

— Ահա լմնցավ, սիրտդ հանգիստ ըլլա, — ըսավ սափրիչը Գասպար աղային` սրվակն աշակերտին դարձնելով:

— Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, - պատասխանեց Գասպար աղան:

— Հիմա մազերդ:

— Չէ, չէ, չեմ ուզեր, մազերս թող մնան` — ըսելն, հինգնոց մը նետելն ու դուրս ելնելն մեկ ըրավ Գասպար աղան:

— Այս չափ ալ աքսի մարդ բնավ տեսած չունիմ, — մռմռաց ինքն իրեն սափրիչը:

— Իսկ Գասպար աղան ինքզինքն փողոցի մեջ գտնելուն պես հառաչեց ու ողբաց սա պես.

— Աս ի՜նչ թոաֆ աշխարհ է, գլուխնուս պիլե տեր չենք կրնար կոր ըլլալ…


***


Սեդրաք աղան կոշկակարի մը խանութը կը մտնե:

— Բարեկամ, — կըսե կոշկակարին, — զույգ մը կոշիկ կուզեմ ապսպրել:

— Շատ աղեկ:

— Կոշիկներուն քիթը նեղ ըլլալու չեն:

— Հիմիկվան մոտայեն չեք ուզեր ըսել է:

— Միայն կուզեմ, որ ոտքս կոշիկի մեջ կարենա շարժիլ. նեղ ոտքի աման չեմ ուզեր, որովհետև նասըր ունիմ:

— Գլխուս վրա, ձեզի անանկ կոշիկ մը շինեմ, որ թե մոտայի համաձայն ըլլա, և թե ձեր ոտքերը չսխմեն:

— Եթե կարենաս գոհ ընել զիս, միշտ քու խանութը կուգամ:

— Վստահ եղեք:

Կոշկակարը Սեդրաք աղային ոտքի չափը կառնե և կիմացնե, թե քանի մ’օրեն պատրաստ պիտի ըլլան կոշիկները:

Սեդրաք աղան քանի մ’օրեն կերթա կոշկակարին:

— Պատրա՞ստ են կոշկիկներս:

— Այո պատրաստ են:

Կոշկակարին աշակերտը Սեդրաք աղային կը ներկայացնե կոշկիկները:

— Եղբայրս, — կսե Սեդրաք աղան, — ասոնք պզտիկ են:

— Ընդհակառակն, մեծ են:

— Ասոնց քթները նեղ են:

— Չեմ կարծեր, շատ լայն քթերն այսօր մաքպուլ չեն. կաղաչեմ անգամ մը ձեր ոտքն անցունեիք սա կոշիկները:

Սեդրաք աղան կը նստի: Կոշկակարին աշակերտը քառակուսի տախտակ մը կը դնե Սեդրաք աղային ոտքերուն տակը: Սեդրաք աղան կը ձեռնարկե նոր կոշիկներն հագնելու: Կոշկիկները կապստամբին:

— Ոտքդ ուժով կոխե, — կը պոռա կոշկակարն:

— Ոտքի վրա ել ու այնպես կոխե, — կսե կոշկակարին քալֆան:

— Ուժով ոտքդ գետինը զարկ, — կը խրատե կոշկակարին աշակերտը:

— Ծո, սա փոշին ցանե քիչ մը կոշիկներուն մեջ, որ Սեդրաք աղային ոտքերը դյուրությամբ սահին ու մտնեն, — կը հրամայե կոշկակարն պզտիկ աշակերտին:

Հրամանը կը կատարվի:

Կոշիկներն հաստատամիտ են:

— Էոֆ, քրտնեցա, պե ատամ, — կըսե Սեդրաք աղան` երեսը թթվեցնելով, — քեզի քառասուն անգամ ապսպրեցինք, որ մեծ ըլլան, լայն ըլլան, երկար ըլլան:

— Կերևա, որ ոտքերդ ալ քրտնած են և անոր համար…

— Չէ, ճանըմ... կոշիկները նեղ են:

— Անգամ մը հագնիս, կը բացվին: Լայն ոտքի ամաններն ավելի կը վնասեն նասըրներուն:

— Չեմ կրնար կոր հագնիլ:

Կոշկակարն քալֆայովն և աշակերտներովն Սեդրաք աղային օգնելու կերթա: Երկու հոգի Սեդրաք աղային թևը կը մտնեն. կոշկակարն Սեդրաք աղային մեկ ոտքը կը բռնե և կաշխատի կոշիկին մեջ դնել: Ամբողջ կոշկակարյան խումբը կը քաջալերե Սեդրաք աղան.

— Հա, հա, կմտնա կոր…

— Քիչ մ’ալ համբերություն…

— Քիչ մ’ալ հաստատամտություն…

— Օն, քաջալերվե…

— Վայ, վայ, վայ…

— Քիչ մը դիմացիր, էֆենտիմ…

— Անգամ մը մտնա նե…

— Ոտքս կոտրեին նե, ավելի աղեկ էր…

— Հա, հա, քիչ մնաց…

— Քիչ մ’ալ ճահտ ընես նե, կը լմննա, կերթա:

— Հոգնեցար նե, քիչ մը հոգնություն առ տե…

— Հարյուր անգամ ալ ապսպրեցի, որ ես մոտա չեմ ուզեր, ոտքերուս հանգստությունը կուզեմ…

— Կոխե ոտքդ…

— Ի՞նչպես կոխեմ, ճանըմ, չեք հասկնար կոր, որ ոտքերս կէրին կոր, կարծես թե կրակի մեջ կոխած եմ… թող տվեք, Աստվածնիդ սիրեք, սա ի՞նչ խոսք չհասկացող մարդոց հանդիպեցանք:

— Քիչ մ’ալ ղայրեթ ըրե, էֆենտի:

— Ղայրեթնիդ ալ գետնին տակը անցնի, կոշիկնիդ ալ… թող տվեք ոտքս, վազ անցա:

— Բարկանալու իրավունք չունիք, Սեդրաք աղա…

— Չունիմ, աղբար, չունիմ, դուք իրավունք ունիք բարկանալու, թող տվեք, սա ոտքս քաշեմ:

— Կոշկակարն ուժով բռնած է Սեդրաք աղային ոտքեն, որու ինը տասներորդ մասը մտած է կոշիկի մեջ:

— Շատ բծախնդիր եք, Սեդրաք աղա:

— Սեդրա աղան կզգա, թե գերի բռնված է, ուստի անձնատուր կլլա կոշկակարին, որ յուր խումբովը կը հաջողի կոշիկներն անցնել յուր հաճախորդին ոտքերուն:

— Տեսա՞ր, ինչպես աղեկ եղավ… ոտքի վրա կայնե քիչ մը. ոհ… մինչև տուն երթաս նե, ոչ ցավ կը մնա, ոչ բան մը… սանկ քալե, նայիմ:

— Ի՞նչպես քալեմ, ճանըմ, նասըրներս կը ցավին կոր… հանեցեք սըվոնք:

— Քիչ մը խոսք մտիկ ըրե, Սեդրաք աղա, մինչև տուն գնա, ոտքերդ պիտի վարժվին ու…

— Քիչ մը լայնկեկ շինեիք նե, չէ՞ր ըլլար:

— Չըլլար Սեդրաք աղա չըլլար, ամեն խանութ նամուս ունի, մենք մեր խանութին պատիվը չենք կրնար կոտրել անանկ մեծ, լայնու տձև կոշիկներ կարելով, ամեն մարդ իր գործը գիտե:

— Աղեկ, աղեկ, ի՞նչ պիտի տանք

— Ոսկի մը ու մեճիտիե մը

— Առեք:

— Շնորհակալ եմ: Մեզի մի մոռանաք, Սեդրաք աղա:

Սեդրաք աղան այդ կոշիկներով դուրս կելնե կոշկակարին խանութեն, նասրներու ցավեն ամեն քայլափոխին հառաչելով, երբեմն ալ արտասվելով: Կզգա վերջապես, թե չպիտի կրնար շարունակել ճամփան, զբոսարան մը կը մտնե, բազմոցի վրա կը նստի և կոշիկները հանել կուզե: Չհաջողիր: Սրճարանին սպասավորը կը կանչե և կաղաչե, որ կոշիկներն քաշե: Սպասավորը բոլոր ուժը կսպառե, կարելի չէ կոշիկները հանել: Իմաց կը տրվի կոշկակարին, որ քալֆային ընկերակցությամբ կը հասնի ու մեծ դժվարությամբ կը հաջողի ազատել Սեդրաք աղան յուր ոտքերուն ձեռքեն: Սեդրաք աղան կը հագնի հին կոշիկները, զորս կոշկակարի խանութեն հետն առած էր, և կը հանգստանա:

— Բնավ սըխըի չեք գար կոր, Սեդրաք աղա, — կըսե կոշկակարը, — ձևավոր և ճաշակավոր բան մը հագնելու համար քիչ մը ակռան սխմելու է մարդս. ինչ որ է. տեվեք սա կոշիկներն ինձ, վաղը ես զանոնք աղվոր խալըպի մը զարնեմ տե, ղրկեմ ձեզի:

— Շատ աղեկ, — կը պատասխանե Սեդրաք աղան ու խահվե մի խմելուն պես կմեկնի:

Հետևյալ օրը Սեդրաք աղան շուկա կերթա, ապայե լաբճին մը ու լաստիկ մը կը գնե, կը հագնի ու գործի կերթա:

Դիտողությունները կսկսին.

— Խայտառակություն է:

— Ինչ մեղքս պահեմ, հետը պտտելու կամչնամ կոր:

— Թող գյուղ մը երթա, նստի, էֆենտիմ:

— Ատ ոտքերով ընկերությանց մեջ մտնել կարելի չէ:

Այս դիտողություններն Սեդրաք աղային ականջը կհասնի:

Սեդրաք աղան կը համոզվի, թե քաղաքավարությունը չհակառակիր նասըրի, բայց սարսափելի թշնամի է ապա լաբճինի: Սեդրաք աղան կը ստիպվի հանել լաբճինները և ընդունել մոտային համաձայն կոշիկներն ու անոր հարվածներն:


***