«Օհ, ի՜նչ գեղեցիկ է Պանաման»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «Լինում են, չեն լինում մի փոքրիկ արջ ու մի փոքրիկ վագր են լինում, որոնք ապրում էին ներքևում՝ գետի ափ...»:)
 
Տող 1. Տող 1.
 +
{{Գիրք
 +
|պատկեր = <!-- նկարի հղումը՝ պատկեր.png-->
 +
|հեղինակ = Յանոշ
 +
|թարգմանիչ =Ժաննա Գաբրիելյան
 +
|թարգմանված է =
 +
|նկարագրություն =  Պատմություն, թե ինչպես փոքրիկ վագրը և փոքրիկ արջը ճանապարհորդեցին դեպի Պանամա։
 +
|պատկերազարդում =
 +
|հրատարակություն =
 +
|հրատարակչություն = Լիբրարիուս
 +
|հրատարակման վայր = Երեւան
 +
|հրատարակման տարեթիվ = 2010
 +
|էջերի քանակը = 50
 +
|տիրաժ =
 +
|ժանր = հեքիաթ
 +
|ISBN =
 +
|ԳՄԴ =
 +
}}
 +
 
Լինում են, չեն լինում մի փոքրիկ արջ ու մի փոքրիկ վագր են լինում, որոնք ապրում էին ներքևում՝ գետի ափին գտնվող մեծ ծառի տմոտ, որտեղից միշտ ծուխ էր բարձրանում։ Նրանք մի նավակ ունեին։ Ապրում էին փոքր, հարմարավետ ծխնելույզով տան մեջ։
 
Լինում են, չեն լինում մի փոքրիկ արջ ու մի փոքրիկ վագր են լինում, որոնք ապրում էին ներքևում՝ գետի ափին գտնվող մեծ ծառի տմոտ, որտեղից միշտ ծուխ էր բարձրանում։ Նրանք մի նավակ ունեին։ Ապրում էին փոքր, հարմարավետ ծխնելույզով տան մեջ։
  

01:30, 7 Հոկտեմբերի 2018-ի տարբերակ

Ընդհանրական շապիկ.png
Օհ, ի՜նչ գեղեցիկ է Պանաման

հեղինակ՝ Յանոշ

թարգմանիչ՝ Ժաննա Գաբրիելյան
հրատարակչություն՝ Լիբրարիուս
վայր՝ Երեւան
տարեթիվ՝ 2010
ժանր՝ հեքիաթ


Պատմություն, թե ինչպես փոքրիկ վագրը և փոքրիկ արջը ճանապարհորդեցին դեպի Պանամա։


Լինում են, չեն լինում մի փոքրիկ արջ ու մի փոքրիկ վագր են լինում, որոնք ապրում էին ներքևում՝ գետի ափին գտնվող մեծ ծառի տմոտ, որտեղից միշտ ծուխ էր բարձրանում։ Նրանք մի նավակ ունեին։ Ապրում էին փոքր, հարմարավետ ծխնելույզով տան մեջ։

― Մենք լավ ենք ապրում, ― ասում էր փոքրիկ վագրը, ― քանի որ մենք մեր սրտի ուզածն ունենք և ոչնչից չպետք է վախենանք, որովհետև բավականին ուժեղ ենք։ Այնպես չէ՞, ա՛րջ։

― Իհարկե, ― պատասխանում էր փոքրիկ արջը, ես ուժեղ եմ ինչպես մի արջ, իսկ դու ուժեղ ես ինչպես մի վագր։ Մենք մեզ կպաշտպանենք։

Փոքրիկ արջն ամեն օր գնում էր կարթով ձուկ որսալու, իսկ փոքրիկ վագրը գնում էր անտառ՝ սունկ հավաքելու։

Ամեն օր փոքրիկ արջն էր ճաշ պատրաստում, քանի որ նա լավ խոհարար էր։

― Դուք ձուկն աղո՞վ, թե՞ պղպեղով եք ուզում, պարո՛ն վագր, թե՞ ավելի լավ կլինի կիտրոնով ու սոխով։

― Բոլոր համեմունքներով և, թերևս, ամենամեծ բաժինը, ― պատասխանում էր փոքրիկ վագրը։

Ճաշից հետո նրոնք ուտում էին շոգեխաշած սունկ, իսկ հետո ճաշակում էին անտառային հատապտուղներով կոմպոտ ու մեղր։

Նրանք իսկապես լավ էին ապրում այնտեղ ներքևում՝ գետափին, փոքրիկ, հարմարավետ տանը․․․

Մի օր մի արկղ էր լողում գետի վրայով։ Փոքրիկ արջը ճարպկորեն որսաց այն, հանեց ջրից, հոտոտեց և ասաց․

― Օօ՜օ բանաններ։

Որովհետև արկղից բանանի հոտ էր գալիս։ Իսկ ի՞նչ էր գրված արկղի վրա։

― Պա֊նա֊մա, ― կարդաց փոքրիկ արջը, ― արկղը գալիս է Պանամայից, իսկ Պանաման ողողված է բանանի բույրով։ Օ՜հ, Պանաման իմ երազների երկիրն է, ― ասավ փոքրիկ արջը։

Նա վազեց տուն և մինչ ուշ գիշեր փոքրիկ վագրին պատմեց Պանամայի մասին։

― Պանամայում, ― ասաց նա, ― ամեն ինչ ավելի գեղեցիկ է, գիտե՞ս, քանի որ այնտեղ օդը ողողված է բանանի հոտով։ Պանաման մեր երազների երկիրն է։ Մենք պետք է հենց վաղը գնանք այնտեղ։ ― Դո՞ւ ինչ կասես, վագր։

― Հենց վաղը, ― պատասխանեց փոքրիկ վագրը, ― որովհետև մենք ոչնչից չպետք է վախենանք։ Բայց իմ Վագրասագը պիտի ինձ հետ գա։

Հաջորդ առավոտյան նրանք սովորականից շատ ավելի վաղ արթնացան։

― Եթե ճանապարհը չգիտես, ― ասաց փոքրիկ արջը, ― ապա առաջին հերթին ուղեցույց է պետք։ Այդ պատճառով նա արկղից ուղեցույց պատրաստեց։

― Մենք պետք է նաև իմ կարթը վերցնենք, ― ասաց փոքրիկ արջը, ― քանի որ ով կարթ ունի՝ միշտ էլ ձուկ ունի։ Իսկ ով ձուկ ունի քաղցած չի մնա։

― Իսկ նա, ով քաղցած չի, ― պատասխանեց փոքրիկ վագրը, ― ոչնչից չպետք է վախենա։ Ճիշտ չէ՞, արջ։

Փոքրիկ վագրը կարմիր կաթսան էլ վերցրեց․

― Որպեսզի դու ինձ համար ամեն օր որևէ լավ բան կարողանաս եփել, ա՜րջ։ Հը՜մմմ, այն ամենը ինչ որ դու ես պատրաստում այնքա՜ն համեղ է․․․

Փոքրիկ արջը վերցրեց նաև իր սև գլխարկը և նրանք ճամփա ընկան՝ առաջնորդվելով կողմնացույցով։ Գետի երկայնքով՝ մի ուղղությամբ․․․

Է՜յ փոքրիկ արջ և փոքրիկ վագր։ Մի՞թե գետում չտեսաք շիշ֊փոքստը։ Դա կարող է ծովահենների գանձերի մասին գաղտնի տեղեկություններով մի երկտող լինել․․․ Ավա՜ղ, արդեն շատ ուշ է։ Այն լողաց֊անցավ։

― Ողջու՜յն, մուկ, ― ասաց փոքրիկ արջը, ― մենք Պանամա ենք գնում, Պանաման մեր երազների երկիրն է, այնտեղ ամեն ինչ այլ է և շատ ավելի մեծ․․․

― Ավելի մեծ, քան իմ մկան ծա՞կը, ― հարցրեց մուկը, անհնա՜ր է։

Ահ, ի՞նչ գիտեն մկները Պանամայի մասին։ Ոչինչ, ոչինչ և նորից՝ ոչինչ։

Նրանք անցան ծեր աղվեսի մոտով, որը հենց այդ պահին ուզում էր իր ծննդյան օրը նշել մի բադի հետ։

― Այստեղից ինպե՞ս գնալ Պանամա, ― հարցրեց փոքրիկ արջը։

― Դեպի ձախ, ― ասաց աղվեսն առանց երկար մտածելու, քանի որ չէր ուզում, որ իրեն խանգարեն։ Բայց դեպի ձախ գնալը սխալ էր։ Ավելի լավ կլիներ, եթե նրանք աղվեսին ոչինչ չհարցնեին։

Հետո նրանք հանդիպեցին մի կովի։

― Այստեղից ինչպե՞ս կարող ենք գնալ Պանամա, ― հարցրեց փոքրիկ արջը։

― Դեպի ձախ, ― ասաց կովը, ― քանի որ աջ կողմում ապրում է գյուղացին, իսկ որտեղ ապրում է գյուղացին, այնտեղ ոչ մի Պանամա էլ չի կարող լինել։

Կովի ցույց տված ճանապարհը նույնպես սխալ էր, որովհետև միշտ ձախ գնալով ո՞ւր կհասնես։

― Ճիշտ է՝ հենց այնտեղ, որտեղից եկել ես։

Շուտով սկսեց անձրև գալ, ու ջուրը կաթում էր երկնքից ու կարում, ու կաթում, ու կաթում էր․․․

― Միայն թե իմ Վագրասագը չթրջվի, ― ասաց փոքրիկ վագրը, ― այդ դեպքում ես ոչնչից չեմ վախենա։

Փոքրիկ արջ և փոքրիկ վագր, իսկ որտե՞ղ է ձեր գեղեցիկ անձրևանոցը։

― Այն կախված է տանը՝ դռան վրա։ Այո՜, այո՜։

Երեկոյան փոքրիկ արջը երկու թիթեղյա տակառներից ապաստարան պատրաստեց։ Նրանք կրակա վառեցին և տաքացան։

― Ինչ լավ է, ― ասաց փոքրիկ վագրը, ― երբ ընկեր ունես, ով կարող է անձրևից պատսպարվելու տեղ կառուցել։ Այդ դեպքում կարող ես ոչնչից չվախենալ։

Երբ անձրևը դադարեց, նրանք շարունակեցին ճանապարհը։ Շուտով քաղց զգացին և արջն ասաց․

― Ես կարթ ունեմ, գնում եմ ձուկ որսալու։

Այդ ընթացքում դու սպասիր մեծ ծառի տակ և մի փոքրիկ կրակ վառիր, վա՛գր, որպեսզի մենք կարողանանք ձուկը տապակել։ Բայց այնտեղ գետ չկար, իսկ որտեղ գետ չկա՝ ձուկ էլ չկա։

Իսկ որտեղ ձուկ չկա՝ կարթը քեզ ոչնչով չի օգնի։

Ի՜նչ լավ է, որ փոքրիկ վագրը կարողացավ սունկ գտնել, այլապես նրանք սովի կմատնվեին։

― Երբ ընկեր ունես, ― ասաց փոքրիկ արջը, ― ով կարող է սունկ գտնել, կարող ես էլ ոչնչից չվախենալ։ Ճիշտ չէ՞, վա՛գր։

Հետո նրանք հանդիպեցին նապաստակին և ոզնուն, որոնք իրենց պաշարն էին տուն տանում։

― Եկեք մեր տուն, ― հրավիրեցին նապաստակը և ոզնին։ ― Դուք կարող եք գիշերել մեզ մոտ։ Մենք ուրախանում ենք, երբ հյուրեր ենք ունենում և հաճույքով լսում ենք նրանց պատմությունները։

Փոքրիկ արջին ու փոքրիկ վագրին թույլ տվեցին նստել հարմարավետ, փափուկ բազմոցի վրա։

― Ինչպիսի՜ բազմոց, ― ասաց փոքրիկ վագրը, ― ամենագեղեցի՜կը աշխարհում։ Մենք էլ Պանամայում մեզ համար այպիսի մի բազմոց կգտնենք, իսկ հետո անպայման կունենանք ամենը, ինչ մեր սիրտը կամենա, այո՞։

― Այո, ― ասաց փոքրիկ արջը, իսկ հետո ամբողջ երեկո նապաստակին և ոզնուն պատմեց Պանամայի մասին։

― Պանաման, ― ասաց նա, ― մեր երազների երկիրն է, քանի որ Պանամայում ամենուր բանանի հոտ է տարածված։ Ճիշտ չէ՞, վագր։

― Մենք երբեք մեր դաշտի մյուս ծայրից հեռու չենք եղել, ― ասաց նապաստակը։

― Մեր դաշտը մինչև այսօր մեր երազանքների երկիրն է, որովհետև այնտեղ ցորեն է աճում, որով մենք ապրում ենք, Բայց հիմա մեր երազների երկիրը կոչվում է Պանամա։

Օօ՜հ, ինչ գեղեցիկ է Պանաման, ոգևորված շարունակեց նա, ― այնպես չէ՞, ոզնի։

Փոքրիկ արջին և փոքրիկ վագրին թույլ տվեցին քնել գեղեցիկ բազմոցի վրա։ Եվ ողջ գիշեր չորսն էլ երազում էին Պանամայի մասին։

Մի անգամ նրանք հանդիպեցին մի ագռավի։

― Թռչունները հիմար չեն, ― ասաց փոքրիկ արջը և ագռավից ճանապարհ հարցրեց։

― Հարյուր հազարավոր ճանապարհներ կան։

― Դեպի մեր երազների երկիրը տանող, ― ասաց փոքրիկ արջը։

― Այնտեղ ամեն ինչ այլ է, շատ ավելի գեղեցիկ է և այնքա՜ն մեծ․․․

― Այն երկիրը, հավանաբար, ես ձեզ կարող եմ ցույց տալ, ― ասաց ագռավը, ― քանի որ թռչուններն ամեն ինչ գիտեն։

Թռե՛ք իմ ետևից։ Թը՜ռռ․․․

Նա ճոճվեց մեծ ծառի ամենացածր ճյուղի վրա։ Թռավ վեր ու ավելի վեր։ Մեր երկու հերոսները չէին կարող թռչել, նրանք միայն մագլցում էին ծառն ի վեր։

― Միայն թե ինձ բաց չթողնես, ա՛րջ, ― բղավեց փոքրիկ վագրը, ― այլապես իմ Վագրասագի մի անիվը կկոտրվի․․․

― Դա այստեղ է, ― վերևից ասաց ագռավը, ― ահա այն։

Նա թևով ցույց տվեց շուրջբոլորը։ ― Օ՜օօ, ― բացականչեց փոքրիկվագրը, ― այ սաաա՜ գեղեցկություն է։ Այնպես չէ՞, արջ։

― Շատ ավելի գեղեցիկ այն ամենից, ինչ իմ կյանքում տեսել եմ, հաստատեց փոքրիկ արջը։

Նրանց տեսածը, ոչ այլ ինչ էր, քան այն նույն երկիրն ու գետը, որտեղ նրանք միշտ ապրել էին։ Չէ՞ որ ետևում՝ ծառերի մեջ, փոքրիկ տնակն էր։ Միայն թե նրնաք այդ երկիրը երբեք վերևից չէին տեսել։

֊Օօօ՜, սա, այո, Պանաման է, ― ասաց փոքրիկ վագրը։ ― Ա՛րի, մենք պիտի անմիջապես շարունակենք ճանապարհը, մենք պիտի գետի մոտ գնանք։ Այնտեղ մենք մեզ համար փոքրիկ, հարմարավետ և ծխնելույզով տնակ կկառուցենք։ Մենք ոչնչից չպետք է վախենանք, արջ։ Նրանք ցած իջան ծառից և գնացին գետի մոտ։

Իսկ որտե՞ղ է ձեր նավակը, փոքրիկ արջ և փոքրիկ վագր։ Ձեր փոքրիկ տան մոտ՝ գետափին։

Տախտակներ և փայտ փնտրիր, ― ասաց փոքրիկ արջը։

Հետո նա մի լաստ պատրաստեց։

― Ինչ լավ է, ― ասաց փոքրիկ վագրը, ― երբ ընկեր ունես, ով կարողանում է լաստ պատրաստել։ Այդ դեպքում պետք չէ ոչնչից վախենալ։ Նրանք լաստը քշեցին ջրի մեջ և անցան մյուս ափը։

― Զգույշ եղիր, ա՛րջ, ասաց փոքրիկ վագրը, ― հանկարծ իմ Վագրասագը չխեղդվի, քանի որ նա չի կարողանում լողալ։ Մյուս ափին նրանք քայլեցի գետի երկայնքով։

Փոքրիկ արջը շրջվեց դեպի փոքրիկ վագրը․

― Դու կարող ես վստահ գալ իմ ետևից, քանի որ ես ճանապարհը գիտեմ։

― Ուրեմն մենք ոչնչից չպետք է վախենանք, ― ասաց փոքրիկ վագրը, և նրանք գնացին այնքան, մինչև մի փոքրիկ կամրջի մոտ հասան։

ՄԻ ժամանակ, փոքրիկ կամուջը փոքրիկ արջն էր կառուցել, այսինքն նրանք արդեն այն այն թփերի մոտ էին, որտեղ իրենց տունն էր։ Բայց նրանք չճանաչեցին կամուրջը, քանի որ գետը ժամանակի ընթացքում այն մի քիչ ավերել էր։

― Մենք պիտի կամուրջը վերանորոգենք, ― ասաց փոքրիկ վագրը։ ― Դու բարձրացրու տախտակը վերևից, իսկ ես՝ ներքևից, բայց ուշադիր եղիր, որ իմ Վագրասագը չգլորվի գետի մեջ։

Հե՜յ, փոքրիկ արջ և փոքրիկ վագր, գետում նորից շիշ֊փոստ է լողում։ Հնարավոր է, որ դա մի գաղտնի լուրով երկտող լինի։Ձեզ չի՞ հետաքրքրում Միջերկրական ծովի ավազակների գանձը։ Ավա՜ղ արդեն շատ ուշ է, շշով փոստը լողաց― անցավ։

Գետի մյուս կողմում նրանք ուղեցույց գտան։ Այն շրջված ընկած էր խոտերի մեջ։

― Ինչ ես դու այնտեղ տեսնում, վա՛գր։

― Որտե՞ղ։

― Դե, այստե՛ղ։

― Ուղեցույց։

― Իսկ ի՞նչ է վրան գրված։

― Ոչինչ։ Ախր ես կարդալ չգիտեմ։

― Պա․․․

― Պարագվայ։

― Սխալ է։

― Պանտալոն։

― Ո՜չ, այ դու հիմար գլուխ։ Պա՛֊նա՛֊մա՛։ Պանամա։ Մենք Պանամայում ենք, վա՛գր։ Մեր երազների երկրում։ Օ՜օօհ, այստեղ արի, արի՝ պարենք։

Եվ նրանք շրջան կազմեցին ու պարեցին ուրախությունից։

Բայց դու արդեն գիտես, չէ՞, թե դա ի՞նչ ուղեցույց էր։ Եվ․․․ Ճիշտ է։

Ու երբ նրանք մի փոքրի էլ առաջացան՝ հասան մի քանդված, ծխնելույզով տան մոտ։

― Օ, վագր, ― բղավեց փոքրիկ արջը, ― ի՞նչ են տեսնում մեր սուր աչքերը, ասա՛։

― Մի տուն, արջ, հիանալի, չքնաղ գեղեցկության մի տուն։ Ծխնելույզով։ Աշխարհի ամենագեղեցիկ տունը, արջ։ Այստեղ մենք կարող ենք ապրել։

― Ինչ հանգիստ և հարմար է այստեղ, վագր, ― բացականչեց փոքրիկ արջը։

― Դու միայն ականջ դիր։

Քամին ու անձրևը տունը մի փոքր ավերել էին․ այնպես, որ նրանք այն չճանաչեցին։ Ծառերն ու թփերը ավելի էին աճել, շուրջն ամեն ինչ ավելի էր փարթամացել։

― Այստեղ ամեն ինչ շատ ավելի մեծ է, ա՛րջ, ― բացականչեց փոքրիկ վագրը։

― Պանաման այնքան հիանալի, չքնաղ և գեղեցիկ է, այնպես չէ՞։

Նրանք սկսեցին տունը վերանորոգել։ Փոքրիկ արջը կառուցեց մի կտուր ու մի սեղան, երկու առոռ ու երկու մահճակալ։

― Ամենից առաջ ես մի ճոճաթոռի կարիք ունեմ, ― ասաց փոքրիկ վագրը, ― այլապես ես չեմ կարող ճոճվել։

Եվ փոքրիկ արջը ճոճաթոռ պատրաստեց։ Հետո նրանք այգում ծաղիկներ տնկեցին, և շուտով ամեն ինչ այնպես գեղեիցկ էր, ինչպես առաջ։ Փոքրիկ արջը գնում էր ձուկ որսալու, փոքրիկ վագրը՝ սունկ փնտրելու։ Բայց հիմա մի ավելի գեղեցիկ բան էլ կար, նրանք իրենց համար բազմոց էին գնել՝ թավշյա կտորից ու շատ փափուկ։

Թփերի մեջ այդ փոքրիկ տունը նրանց թվում էր աշխարհի ամենագեղեցիկ տեղը։

― Օ՜, վագր, ― ամեն օր ասում էր փոքրիկ արջը, ― ի՜նչ լավ է, որ մենք գտանք Պանաման, ճիշտ չէ՞։

― Այո, պատասխանում էր փոքրիկ արջը, ― մեր երազների երկիրը։ Հիմա մենք երբեք, երբեք, չենք հեռանա այստեղից։

Կարծում ես, որ նրանք կարող էին տա՞նը մնալ։ Կարծում ես, որ այդ դեպքում նրանք կկրճատեի՞ն իրենց երկար ճանապարհը։

Օ, ոչ, այլապես նրանք չէին հանդիպի աղվեսին և ոչ էլ ագռավին։ Եվ չէին հանդիպիպ նապաստակին և ոզնուն և երբեք էլ չէին իմանա, թե ինչ հարմարավետ է այսպիսի գեղեցիկ փափուկ, թավշյա բազմոցը։