Դեւը արթնացավ

Գրապահարան-ից
Դեւը արթնացավ

հեղինակ՝ Վահե Քաչա
թարգմանիչ՝ Պարգեւ Շահբազյան (ֆրանսերենից)
աղբյուր՝ «Դեւը արթնացավ»

Դատապաշտպանս վեր կացավ։ Առանց շտապելու առաջացավ դեպի երդվյալ ատենակալները։ Նա նիհար էր և չոր։ Կարելի չէր որոշ մի տարիք տալ նրան։ Քթի վրայից հանեց ակնոցը, դանդաղորեն ու երկար մաքրեց ապակիները շապիկի թևքով, ապա տեղավորեց իր սրաթափանց աչքերի վրա․ կարծես ուզում էր այն տպավորությունր թողնել ատենակալների վրա, թե առաջին անգամ է տեսնում նրանց։ Հետո սկսեց խոսել մեղմ ձայնով, խորհրրդապահորեն՝ կանգ առնելով յուրաքանչյուր ատենակալի դիմաց։ Նրանք ութ հոգի էին՝ վեց տղամարդ և երկու կին, որոնք ուշադիր լսում էին նրան՝ աշխատելով անտարբեր մնալ։ Իմ ճակատագիրը կախված էր այն բառերից, որոնք դուրս էին գալիս դատապաշտպանիս շրթներից, նրա շարժումներից, լռությունից։ Մեղավո՞ր էին ճանաչելու ինձ, անմե՞ղ։ Մեղավոր հայտարարելու դեպքում ինձ սպասում էր մահ կամ բանտարկություն, անմեղ ճանաչելու դեպքում՝ ազատություն։ Այն տպավորությունն ունեի, թե ներկա եմ լինում ծաղրալից մի դրամայի։ Փորձում էի մտովին հեռանալ, կտրվել իրադարձություններից և այն մարդկանցից, որոնք շրջապատել էին ինձ։ Չորս ամսվա կալանքը ինձ սաստիկ թուլացրել էր։ Այն անդորրը, որին տենչում էի հոգևին, պատրանք էր սոսկ։ Վախը շշմեցրել էր ինձ։ Քրտնում էի։ Ուշադիր զննում էի այն վեց տղամարդկանց և երկու կանանց, որոնք նստած էին ճիշտ իմ դիմաց։ Տղամարդկանցից երկուսը բժիշկ էին, մեկը՝ մերսող, որ աշխատում էր մի ջրաբուժարանում, և որին հանդիպել էի երկու կամ երեք անգամ, մեկը՝ լուսանկարիչ, մեկը՝ ուսուցիչ, մեկը՝ մշակ։ Իսկ երկու կանայք ոչ մի մասնագիտություն չունեին։ Աշխատում էի Հանգիստ մնալ։

Քիչ առաչ, լսելով գլխավոր դատախազին, համոզված էի, որ ոճրագործ եմ։ Իսկ լսելով դատապաշտպանիս՝ վստահ էի, որ անմեղ եմ։ Մեղավո՞ր, անմե՞ղ։ Չէի կարողանում գլուխ հանել։ Կասկածը արմատավորվել էր իմ գլխում։

Երկու հոգի միաժամանակ հազացին բերնեբերան լցված դահլիճում։ Մեկ ուրիշը խնչեց։ Սրված նյարդերս որսում էին ամենափոքր աղմուկը։ Գիտեի, որ տասնյակ ու տասնյակ անձինք ուշադիր դիտում են ինձ։ Վախն ու շշմածությունը ինձ օժտել էին հիվանդագին մի պայծառամտությամբ։ Ամեն ինչ տեսնում էի, ամեն ինչ՝ լսում։ Դատապաշտպանս խոսում էր։ Նրա փաստարկումները խառնիխուռն իրար էին հրմշտում շրթներիս վրա։ Նրա եզրահանգումները կրակի նման բորբոքվում էին իմ սրտում։ Ուզում էի բառ առ բառ գոռալ, ինչ նա ասում էր։ Հանկարծ լռություն տիրեց։ Ի՞նչ, արդե՞ն։ Ես շատ բան ունեի դեռ ասելու, իսկ դատապաշտպանս լռել էր։ Ատենակալները վեր կացան ու գնացին։ Այն տպավորությունն ունեի, թե չեմ բավարարված։ Տարօրինակ բան, ատենակալների ներկայությունը ինձ ուժ էր տալիս։ Այժմ ես բոլորովին մենակ էի հարյուրավոր ուրվականների մեջ, որոնք մտովի պիտի հաշվարկեին իմ հնարավորությունները։ Բացարձակապես մենակ։ Նույնիսկ իմ դատապաշտպանր ոչ մի բանի պիտանի չէր այլևս։ Նա սկսեց հավաքել իր թղթերր, ապա շրջվեց դեպի ինձ։ Գիտեի, որ նա մոտիկից ճանաչում էր ատենակալներից մեկին՝ բժիշկ Լորժին։ Վերջինս բավականաչափ կշիռ ունե՞ր արդյոք՝ համոզելու համար մյուսներին իմ անմեղության մասին։

— Ի՜նչ հեղձուցիչ շոգ է։

Դատապաշտպանս թաշկինակով սրբեց ճակատի քրտինքը։ Ես չէի համարձակվում որևէ հարց ուղղել նրան։ Նա շարունակեց հանդարտ ձայնով․

— Այս սրահներում մարդ ձմռանը սրթսրթում է, ամռանը՝ խեղդվում …

Նա նորից Հանեց ակնոցը և մաքրեց ապակիները։

 ֊Պարո՛ն դատապաշտպան …

Կանչողը մի կին էր։ Նա սիրուն էր, մի քիչ՝ գռեհիկ։ Որտե՞ղ էի տեսել նրան։

֊Ահա թե ի՜նչ …

Տարօրինակ մի փայլ շողաց դատապաշտպանիս աչքերում, մի փայլ, որ չէի հավանում բնավ։ Այս կնոջը ես տեսել էի մի կաբարեում։ Նա պարուհի էր։ Արդյոք դատապաշտպա՞նս էր հրավիրել նրան, որ գա, ներկա գտնվի դատավարությանը։ Մարմինս ողողվեց քրտինքով։ Ուրեմն կյանքս հանձնել էի վատ փայլով շողացող այս մարդու աչքերի՞ն։ Ո՛չ, ո՛չ, ծիծաղելի էր այդպես մտածել։ Վերջին հաշվով դատապաշտպանս էլ մարդ էր բոլոր մարդկանց նման։ Հաճախում էր կաբարեներ, վիսկի խմում, սիրահետում կանանց։

— Ճանաչո՞ւ մ եք նրան։

Կռահե՞լ էր արդյոք, թե ինչ եմ մտածում։ Իսկույն ավելացրեց․

— Տարօրինակ կին է։ Միշտ խնդիրներ է ունենում ոստիկանության հետ …

Չէի ուզում մտածել ատենակալների մասին, որոնք խորհրդակցում էին ներսում։ Ոչ մի բանի մասին չէի ուզում մտածել։ Ամենափոքր հարցը, որ ուղղում էի ինքս ինձ, գլխապտույտ էր պատճառում և ինձ քշում տանում մի խորխորատ, որից դուրս չէի գալիս այլևս։

— Չե՞ք ուզում ինձ փոխանցել թերթը։

Զորս ամիս է, որ թերթ չէի կարդացել, և հաճելի էր ինձ բաց անել այն։ Խոսվում էր այնտեղ իմ դատավարության մասին։ Շուռ տվեցի էջերը և կանգ առա ներկայացումների վրա։ Դրսում կյանքն ընթանում էր բնական Հունով։ Ինչպես ամեն տարի՝ արձակուրդի շրջանում, ուրախ հանդիսություններ իրար էին հաջորդում խաղասրահներում։ Հայտնի դերասաններ, երգիչներ, քաղաքական դեմքեր լցվում էին ջրաբուժարան։ Անգլիացիները գոլֆ էին խաղում լճի մոտակայքում։ Ամբողջ երկու ամիս մեր ջերմուկ֊բուժարանն աշխուժանում էր։ Ապա շուտով վրա էր հասնում ձմեռը։ Վաճառականները մեկնում էին դեպի Միջերկրական ծով։ Տեղական մի նվագախումբ շաբաթ երեկոյան և կիրակի օրերին իր տեղն էր գրավում խաղասրահում։ Խաղասրահների հայտնի դիմագետը վերստանձնում էր լողուսույցի իր պաշտոնը ծածկած լողավազանում, որը ծծումբ էր հոտում։

— Ահա՛ նրանք։

Խոսակցություններն ընդհատվեցին։ Տեղակալները մտան ներս։ Դատապաշտպանս ակնոցը կրկին հարմարեցրեց իր քթին։ Նախագահն սկսեց խոսել։ Նրա խոսքերից բան չէի հասկանում։ Գերագրգռված ուղեղս ամիսների րնթացքում վարժվել էր արձանագրել միայն երկու բառ՝ մեղավոր … անմեղ։

— Լա՛վ է, լա՛վ է, — ասաց դատապաշտպանս։

Անպարտ էի արձակվել, անմեղ էի …

Նայեցի շուրջս։ Նախագահը շատախոսում էր երկու ատենակալների հետ։ Գլխավոր դատախազը, որ խորտակել էր ինձ իր հարցերի տարափի տակ, անփութորեն հովհարում էր իր դեմքը ծալված մի լրագրով։

Ամբոխի հոսանքը շարժվում էր դուրս։ Առանձին մարդիկ դեմքի բարեմիտ նշաններ էին ուղղում ինձ, մարդիկ, որոնց չէի ճանաչում։

— Կարո՞ղ ենք վաղը տեսնվել իմ գրասենյակում, — հարցրեց դատապաշտպանս։

— Այո՛, վաղը, ձեզ մոտ։

Իր մոտ։ Այդ նշանակում էր, որ կարող էի դուրս գալ փողոց, նստել տաքսի, հնչեցնել մի դռան զանգ։ Այժմ հարկավոր է մեկնել, վերցնել բանտի վարչության մոտ ի պահ դրված իմ իրերը, ինչ֊որ թղթեր ստորագրել և, վերջին անգամ լինելով, երկարորեն նայել բանտին։

— Չե՞ք գալիս…

Բանտապահներս էին, որոնք անհամբերության նշաններ էին ցույց տալիս։ Նախքան դահլիճը թողնելը, մինչ թաղվել էի մի տեսակ քաոսային վիճակի մեջ, ինձ թվաց, որ մեկը մոտեցավ ինձ և երեսիս շպրտեց մի բառ կամ մի խոսք։

  • * *

— Խնդրեմ, մի ստորագրություն էլ…

Ստորագրեցի։

— ժամը քանի՞սն է, — հարցրի։

— Ութն անց կես։ Տակավին լույս էր։

— Կարո՞ղ եմ գիշերն այստեղ անցկացնել։

Բանտի վարչության պետը զարմացած գլուխը բարձրացրեց, ապա ասաց․

— Քանի որ ցանկանում եք…

Ամբողջ գիշերը մտածում էի Ֆյուրկովի և Նիկոլի մասին։ Ֆյուրկովը մահացել էր։ Նրա կինը՝ Նիկոլը, ինձ էր սպասում։ Դիտավորյալ խնդրել էի գիշերն այս խցում անցկացնել, որպեսզի մտքիցս ջնջեմ Ֆյուրկովի հիշատակր։ Ուզում էի Նիկոլի հետ ամեն ինչ սկզբից սկսել։ Հիմա մենք այլևս կկարողանանք հանգիստ ապրել միասին։ Երբ Ֆյուրկովը ողջ էր, ես հազար ու մի նախազգուշություններ էի ձեռք առնում, որպեսզի ոչ մի կասկած չհարուցեմ նրա մտքում։ Նա հանգիստ մահացավ՝ ժպիտը դեմքին։

Լուսաբացի մոտ քունս տարել էր։ Երբ աչքերս բացեցի, ինձ զգում էի արդեն ուրիշ մարդ։ Զորս ամսից ի վեր ապրում էի ջերմության մեջ՝ կիսով չափ անհանգիստ։ Այսօրվանից սկսած պիտի վերահաստատվեմ այն ուղու վրա, որից բաժանվել էի։ Վեր կացա։ Իսկ եթե հանկարծ նա դուռր չբանա՞ իմ առաջ։ Մի թեթև շշմածություն ստիպեց ինձ նստել անկողնիս մեջ։ Մտածեցի ինձ տրված վճռի մասին։ Անմեղ էի։ Անպարտ արձակված։ Ատենակալները … Նախորդ օրվա տեսարանը հստակորեն պատկերվեց աչքերիս առջև։ Ատենակալներից մեկը մոտեցել էր ինձ և շշնջացել՝ «Մարդասպա՛ն»։ Լուսանկարիչն էր։

  • * *

Դուրս գալով բանտից՝ զարմացա տեսնելով փողոցներում իշխող եռուզեռը։ Իսկական մի օպերետ։ Լողազգեստով կանայք, գույնզգույն վերնաշապիկներով տղամարդիկ, մարզական ավտոմեքենաներ, որոնք անվերջ պտույտներ էին կատարում։ Մտա մի հեռախոսախցիկ և սկսեցի հավաքել Նիկոլի հեռախոսի համարր։ Ձեռքս դողում էր։ Երբ լսեցի նրա ձայնր, ոչ մի ծպտուն դուրս չելավ իմ կոկորդից։

— Որտե՞ղ ես։

Նա սպասում էր հեռախոսազանգիս, ինչպես նախապես պայմանավորվել էինք։

— Նիկո՛լ, եթե իմանայիր …

— Սպասում եմ քեզ, արի՛ շուտով։

— Ո՛չ, ո՛չ՛։ Կհանդիպենք երեկոյան։

— Պիեռ …

Լսափողր տեղր դրեցի։ Մտածելու կարիք էի զգում։ Գնացի դատապաշտպանիս մոտ։ Նա խորասուզված էր դիմումնագրերի ու թղթերի ընթերցման մեջ։ Ստացել էր Նիկոլի չեկը։

— Դատարանը միաձայնությամբ ձեզ անպարտ արձակեց։

Դատապաշտպանս գոհ էր։ Բժիշկը՝ նրա բարեկամը, հավանաբար նրան պատմել էր ատենակալների միջև տեղի ունեցած մտքերի փոխանակության մասին։

— Միաձայնությամբ՝ բացի մեկ ձայնից, ֊ ասացի ես։ Նա զարմացած ինձ նայեց։

— Ճիշտ է։ Սկզբում մի հոգի վերապահ էր եղել … Բայց ինչպե՞ս իմացաք։

— Լուսանկարիչն է, որր կարծում է, թե մեղավոր եմ։

Դատապաշտպանս նորից նայեց ինձ, հետո շարժեց ուսերը և ասաց․

— Ի՞նչ կարևոր է։ Դուք ազատ արձակվեցիք, էականը դա է։

  • * *

Դռնապանուհիս, հեռվից տեսնելով գալուստս, սկսեց արցունք թափել, ասես պատերազմից էի վերադառնում։ Նա ինձ համար պատրաստել էր մի փոքրիկ ծանրոց՝ շոկոլատ և սիգարետներ։ Եթե բանտում մնացած լինեի, նա ծանրոցը ինձ պիտի ուղարկեր։ Համենայն դեպս նա մտածել էր իմ մասին։

Մեծ հաճույքով վերադարձա լուսանկարչատունս։ Ամեն ինչ կարգին էր։ Ջուրը վազում էր լվացարանից, ռադիոընդունիչն աշխատում էր, վերնաշապիկներս, լվացված ու արդուկված, դասավորված էին հանդերձապահարանում։ Լոգանք ընդունեցի և երկարեցի մահճակալիս վրա։ Լուսամուտի փեղկերը փակված լինելով՝ սենյակս մնացել էր կիսախավարի մեջ։ Ուզում էի վերստին հանձնվել իմ սովորություններին՝ առանց շտապելու, հակառակ իմ անհամբերությանը, թողնելով, որ օրորվեմ ինձ խռովող զգացումների մեջ, որպեսզի կարողանամ որոշել, թե ինչ պետք է անեմ։

Դրսում մի ավտոմեքենայի աղմուկից ընդոստ վեր ցատկեցի։ Մոտեցա պատուհանին և վանդակափեղկերի արանքից դուրս նայեցի։ Նիկոլն էր։ Մի քանի րոպե անց նա արդեն գրկիս մեջ էր։ Ամիսներից ի վեր սպասում էի այս վայրկյանին։ Նրա երիտասարդությունը, նրա գեղեցկությունը, ազատությունը ինձ էին պատկանում։ Լուռ էի, անկարող նույնիսկ մի բառ արտասանելու։ Ինքն էլ ոչինչ չէր ասում։ Ինչ―որ մեկը քայլում էր միջանցքում։ Հետո ոտնաձայները լռեցին։ Նույն բույրն էին արձակում Նիկոլի վարսերր։ Մեծ հուզումով կրկին զգացի նրա մաշկի փափկությունը, շոյանքներիս հանձնվող նրա մարմնի ջերմությունը։ Մենք դարձել էինք մեկ մարմին, մեկ էություն։ Մեր շարժումներն ու մտածումները շփոթվում էին։

— Ինչպիսի՜ մղձավանջ ապրեցի, — շշնջաց նա։

— Հիմա մենք այլևս ազատ կլինենք։ Մի՛ մտածիր անցյալի մասին։ Ես ամեն ինչ մոռացել եմ։

— Ես էլ։

Եվ Հանկարծ ավելացրեց․

— Դու այստեղ չես մնալու։ Հենց այսօրվանից պիտի գաս տեղավորվես իմ տանը։

— Մարդիկ կսկսեն չարախոսել։

— Ուրիշներն ինձ համար գոյություն չունեն։ Նախ դատարանր քեզ արդարացրել է։ Դու անմեղ ես։ Ամեն մարդ այդ գիտե։ Լավ է, որ գաս հենց այսօր։

Նա իրավացի էր։

— Հիմա քեզ համար մի ճամպրուկ կպատրաստեմ։

Նա օգնեց ինձ ճամպրուկի մեջ տեղավորելու զգեստներիցս մի քանիսը։ Նիկոլի առանձնատունը գտնվում էր լճի մյուս կողմը՝ կծկված մի լեռան լանջին։ Ես տեղ գրավեցի նրա կողքին շարժական ծածկով մի ավտոմեքենայի մեջ։ Նա ավտոմեքենան վարում էր դանդաղ․ կարծես ուզում էր մեր սերը սփռել բաց օդին՝ ի ցույց մարդկանց։ Մարդիկ համակրանքով մեզ էին նայում։ Մենք քաղաքի շրջանը կատարեցինք՝ առանց հանդիպելու թշնամական որևէ հայացքի, թեև իմ դատավարությունը դրսում մեծ աղմուկ էր հարուցել։ Նույնիսկ մեր փոքրիկ քաղաքի բնակիչներն էին արդարացնում մեզ։ Առաջին անգամ լինելով՝ երջանիկ էի զգում, որ ապրում եմ։

Առանձնատանը խոր լռություն էր տիրում։ Դա ժամանակակից, պերճաշուք մի շինություն էր, որր Ֆյուրկովը կառուցել էր տվել երեք տարի առաջ։ Ամեն սենյակ տարբեր կահավորում ուներ։ Մի մեծ բացօթյա պատշգամբ նայում էր լճին։

— Մեր սպասավորներին մի քանի օրով իրենց տներն եմ ուղարկել։

Նա ամեն ինչ կանխատեսել էր։ Սառնարանը բերնեբերան լցված էր ուտելիքներով։ Առաջին անգամ է, որ այս առանձնատանը նրա հետ միայնակ նստում էի դեմառդեմ։ Ֆյուրկովից ոչ մի հետք չէր մնացել նրա ծխամորճներն ու ծխախոտը մեջտեղից վերացել էին։ Նիկոլը փոխել էր ննջասենյակի կարասիները։

— Քաղցա՞ծ ես։

Մենք նախաճաշեցինք բաց պատշգամբում։ Մեր շուրջն ամեն ինչ համակ ներդաշնակություն էր։ Լիճը պսպղում էր արևի տակ։ Մեր գլխավերևում ցցված անտառածածկ լեռնից փչող մեղմ օդը շոյում էր մեր դեմքը, և մենք անհագորեն վայելում էինք սկիզբ առնող մեր նոր կյանքի Հեշտաանքը։

Գոլորշին մառախուղի նման նստած էր ջրաբուժարանի լողավազանի վերևում։ Լողավազանի ջրից բարձրացող անտանելի տաքությունը սեղմում էր կոկորդս և կտրում շնչառությունս։ Երկար ժամանակից ի վեր որոշել էի ջղերս հանձնել այս կիզիչ ջրին։ Առաջանում էի մեծ զգուշությամբ․ նախ՝ մեկ ոտքս, ապա՝ մյուսր։ Ինձ թվում էր, թե քայլում եմ բոցերի վրա։ Երբ ջուրը հասավ կրծքիս, հանգիստ շունչ առա։ Անշարժ կանգնած՝ նայեցի շուրջս։ Ջրավազանի մյուս ծայրին տարտամորեն աչքիս երևացին մարդկային երկու ուրվագծեր։ Հավանաբար ամենօրյա հաճախորդներ էին, որոնք եկել էին շարունակելու իրենց բուժումը։ Դեռ քիչ առաջ ծծմբի հոտը շնչահեղձ էր արել ինձ։ Հիմա այլևս ոչինչ չէի զգում։ Քրտինքի կաթիլները գլորվում էին այտերիցս ցած։ Ինձ թվում էր, թե իմ ամբողջ մարմնի աղի համը, վերջին ամիսների ընթացքում ինձ հետ պաատահած բոլոր եղելությունների դառնությունը թափանցել մտել էին բերանիս մեջ։ Դուրս տալով այդ վատ քրտինքը՝ մաշկս մաքրվում էր։ Դուրս ելա լողավազանից և ամբողջ մարմնով փռվեցի մերսման սեղանի վրա։ Մերսող բժշկի ձեռքերի մեջ դարձել էի մսի, մկանների, ջղերի և քրտինքի կույտ։ Այն տպավորությունն ունեի, որ նա կարող է նոր ձև տալ դեմքիս, տեղաշարժել մկաններս, երկարացնել մարմինս։ Ուղեղս աշխատում էր ընդհատումներով, կանգ առնում այս կամ այն պատկերի վրա, ապա ամփոփվում ինքն իր մեջ՝ ծուլորեն վերլուծելու համար այն։ Մերսումից հետո վեր կացա և երկարեցի մի բազմոցի վրա մութ սենյակում։ Երկու կամ երեք հոգի այնտեղ հանգստանում էին ինձ նման։ Ժամանակ առ ժամանակ մարդկային մի ստվեր մտնում էր սենյակ, բարձրանում կշեռքի վրա, ապա՝ անհետանում։ Խոշոր ծավալի կազմված մի տետր էր դրված մի փոքրիկ սեղանի վրա, կողքին՝ մատիտ։ Ջրաբուժարանի մշտական հաճախորդները, ժամանելիս և մեկնելիս, դրա մեջ նշում էին իրենց քաշը։ Սպիտակամաշկ մի ծերունի հառաչեց իմ կողքին, ապա վեր կացավ, աչքերը շփեց և հորանջելով հեռացավ։ Երբ ուզում էի դուրս գալ այս սենյակից, ինչ֊որ մեկը, որ ինձ ծանոթ թվաց, բարձրացավ կշեռքի վրա։ Նա հիսունի մոտ մի մարդ էր։ Որտե՞ղ էի հանդիպել նրան։ Մարդը կշռվեց, թերթեց կազմած տետրը, մի պահ մտածեց և դրա մեջ նշեց ինչ֊որ բան։ Հետո անհետացավ։ Անակնկալ մի հարվածի ազդեցության տակ ընդարմացած ուղեղս իսկույն ուրվագծեց նրա պատկերը։ Այս մերկ մարդը, որ հենց նոր կշռվեց, այն լուսանկարիչն էր, որը դատարանում ինձ մարդասպան էր համարել։ Ի՞նչ էր անում նա այստեղ։ Արդյոք, պատահաբար … ո՛չ, ծիծաղելի էր։ Նրա ներկայությունը կարող էր միայն պարզ զուգադիպություն լինել։ Վեր կացա թեթևակի անհանգստացած։ Մոտեցա սեղանին, որի վրա դրված էր կազմած տետրը։ Ի՞նչ էր նշել դրա մեջ։ Սպառնալի՞ք։ Սկսեցի թերթել էջերր։ Հաճախորդների անունները դասավորված էին այբբենական կարգով․ «Ամոն Պոլ․ ժամանում՝ 90 կիլոգրամ, մեկնում՝ 88․400 կգ։ Բելտոշ Գասպար․ ժամանում՝ 95 կիլոգրամ, մեկնում՝ 94 կիլոգրամ»։ Լուսանկարչի անունը չգիտեի։ Քանի՞ կիլոգրամ կգար արդյոք։ Շատ գեր չէր։ Թիկունքից Ֆյուրկովին էր նման։ Նրա քաշը 78 կիլոգրամից ավելի չպետք է լիներ։ Տետրում ոչ ոք 85 կիլոգրամից պակաս չէր։ Նույնիսկ մեկնելու ժամանակ։ Ես չէի համարձակվում նշել իմ քաշը։ 68 կիլոգրամից ավելի չէի։ Եվ հետո վերադառնալու մտադրություն չունեի բնավ։ Ջրաբուժարանից հեռացա թեթևակի մտահոգված։

— Ծարա՞վ ես։

Նիկոլը կանգնած էր մոտս՝ վիսկիի շիշը ձեռքին։ Նայում էր ինձ զվարթ դեմքով։ Բաժակս դատարկ էր, բայց ես անգիտակցաբար այն տարա շուրթերիս։

— Ինչի՞ մասին ես մտածում։

Ոչ մի բանի մասին չէի մտածում։ Նա պնդեց․

— Ասա՜, ինչի՞ մասին ես մտածում։

Պատասխանած լինելու համար հնարեցի ինչ֊որ բան․

— Մտածում եմ վաղվա մեր շրջապտույտի մասին։

Մենք ծրագրել էինք առավոտյան շուտ վեր կենալ և մոլորվել անտառում։ Նիկոլը բաժակս լցրեց և տեղավորվեց կողքիս։ Սև―թուխ ամաերը մթագնել էին երկինքր։ Պատշգամբից մենք ուղղակի իշխում էինք ամայացած լճի վրա։ Թեթև մի քամի հարթ ջրի վրայից քշում տանում էր ամպերի ձգած ստվերը, և ինձ այնպես էր թվում, թե լիճը տեղափոխվում է։ Նիկոլը թեթև հոգոց հանեց և գլուխը հանգչեցրեց ծնկներիս վրա։

— Վաղն առավոտյան ինձ շուտ կարթնացնես։

— Հենց որ արևր ծագի։

Նրա թևերը օղակեցին վիզս։ Համեմունքի մի հաճելի բույր էր դուրս գալիս արևից թխացած նրա մարմնից՛։Եթե արևը բույր ունենար, ապա դա Նիկոլի բույրր կլիներ։

— Ի՞նչ։

Բաց արեցի աչքերս։

— Չհասկացա, — ասացի։

— Ես էլ։ Դու խոսում էիր արևի բուրմունքի մասին։

Երևի առանց անդրադառնալու բարձրաձայն էի մտածել։

— Կարծեմ քունս տանում է։

— Դեռ հազիվ ժամր տասն է։ Նայի՛ր …

Լճի վրա փոքրիկ լուսավոր կետեր շարժվում էին տեղից տեղ։

— Ձկնորսներ են։

Նավակներր դանդաղորեն առաջանում էին։ Կլինեին մոտավորապես մի տասնյակ։ Մի պահ հանկարծ անշարժացան։ Լճի մեջտեղում դրանք նման էին լուսավոր բծերի։ Փակեցի աչքերս և Նիկոլին սեղմեցի մարմնիս։ Ինչքա՜ն կենդանի էր նա, ինչքա՜ն շոշափելի։ Նա ինձ էր պատկանում։ Որքա՞ն ժամանակ տևեց մեր գրկախառնումը՝ հի՞նգ րոպե, թե՞ երկու ժամ, թե՞ ամբողջ գիշեր։ Լիճը, անտառր, ջրի ափին սեպացած քարաժայռր, ամպերը շփոթվում, խառնվում էին իրար։ Մաշկիս տակ անտառն այրվում էր, քարաժայռր վրաս էր խուժում, և ես հոսում էի Նիկոլի երակների մեջ։ Ծարավ էի սիրո և քնքշանքի։ Ծարավ էի բարեկամության։ Ծարավ էի մարդկային հարաբերության։

— Մրսում եմ։

Նա վեր կացավ։

— Ջկնորսները մեկնեցին։ Քունդ չի՞ տանում։

Չպատասխանեցի։ Նայեցի լճին և հեռվում նշմարեցի մի լույս։

— Դեռ մի ձկնորս է մնացել։

— Ես ոչինչ չեմ տեսնում, — ասաց Նիկոլր և կկոցեց աչքերը։

— Դու իրավացի ես, երևի անբախտ մի ձկնորս է։

Առավոտյան ժամը չորսի մոտ վեր կացա ջուր խմելու։ Մակույկը միշտ այնտեղ էր։ ժամը ութին այնտեղ էր տակավին։ Անձնատուր եղած մի տարտամ երկյուղի՝ գնացի հեռադիտակս բերելու։ Նայեցի։ Տեսա միայն մի թիկունք և ջրի մեձ թաթախված մի գիծ։ Թիկունքը նման էր լուսան֊ կարչի թիկունքին։

— Իսկ մեր շրջապտո՞ ւյտը, — ասաց Նիկոլը։

— Պետք է գնամ տեսնեմ դատապաշտպանիս։ Մոռացել էի մի մանրամասնություն։ Համենայն դեպս երկինքը ամպամած է։

— Ուզո՞ւ մ ես՝ ուղեկցեմ քեզ։

— Կվերադառնամ մի ժամից։

Զայրացած վազեցի դեպի դատապաշտպանիս գրասենյակր։ Պետք է անպայման տեսնեի նրան։ Տվեցի դռան զանգը։ Ոչ ոք։ Համառեցի։ Ոտնաձայներ։ Հազ։ Դուռր բացվեց։ Մի դեռատի կին զարմացած նայեց ինձ։

— Պարոնը արձակուրդի մեկնեց։

— Ունե՞ք նրա հեռախոսի համարը։

Նա թղթի մի կտորի վրա գրեց համարը և տվեց ինձ։ Ուզում էի զանգահարել փոստից, բայց փոստը դեռ բաց չէր։ Սպասեցի քառորդ ժամ։ Ապա առանձնացա հեռախոսի խցիկներից մեկում։ Ո՛չ մեկ ձայն։ Դատապաշտպանս հավանաբար դեռ անկողնում էր։ Սատանան տանի։ Վերջապես լսեցի նրա ձայնը։

— Ես եմ՝ Պիեռ Տալյանը։

Ի՞նչ էի ուզում ասել նրան։ Մտքերս գլխիցս թռել ցնդել էին։

— Լսում եմ ձեզ։

— Ահա՛։ Բանտից դուրս գալուց ի վեր … այսինքն … իմ արդարացումից ի վեր մի մարդ հետապնդում է ինձ։

Ես այս նախադասությունը նրան ուղղեցի այնպիսի շեշտով՝ կարծես պատասխանատու էի համարում նրան։ Հեռախոսի մյուս ծայրից լսվեց հազի ձայն։

— Ո՞վ է ձեզ Հետապնդում։ Ինչո՞ւ։

— Լուսանկարիչը․ Օձիքս բաց չի թողնում։

— Վանիե՞ն։

— Անունը չդիտեմ։ Ստվերի նման հետապնդում է ինձ։ Անցած օրր ջրաբուժարանում էի, այնտե՛ղ էր։ Այսօր էլ նավակով եկել էր թափառելու լճի վրա, մեր առանձնատան շուրջը …

— Անկարելի է։ Ես ճանաչում եմ Վանիեին։ Նա բարեհամբույր, անվնաս մարդ է։ Իզուր եք ջղայնանում, սիրելիս։

— Ձեզ ասում եմ, որ ինձ հետապնդում է։ Թե ի՞նչ պատճառով, չդիտեմ։

Հեռախոսի միջից ծիծաղի ձայն։ Ապա՝

— Ուզո՞ւմ եք, որ զանդահարեմ նրան։ Նրա լուսանկարչատունը գտնվում է ջրաբուժարանի հետևում։ Դա պարզ զուգադիպություն է։

— Ամբողջ գիշերը նավակի մեջ է անցկացրել։ Գիտե, որ ես այդ առանձնատանն եմ բնակվում։

— Գուցե զանազան տեսարաններ էր լուսանկարում։ Զգում էի, որ դատապաշտպանս սկսում էր անհամբերության նշաններ ցույց տալ։ Նա շարունակեց․

— Պարզ զուգադիպություն։ Դուք կարիք ունեք արձակուրդի գնալու։

Գուցե իրավացի էր։

Շուկայի օրը թափառում էի փողոցներում։ Սիրում էի այնտեղ տիրող մթնոլորտը։ Այդ չորեքշաբթի որոշել էի գնալ և մի շրջան կատարել քաղաքում։ Նիկոլը պիտի գնար տեսնելու իր փաստաբանին, որն ստանձնել էր իր հանգուցյալ ամուսնու դրամական գործառնությունների տնօրինումը։ Ես նախընտրում էի չհանդիպել նրան։

— Երեք զույգը արժե հազար ֆրանկ։

Նայում էի վաճառողին։ Փոքրամարմին և պնդակազմ մի մարդ էր՝ ցուլի նման հաստավիզ։ Գուլպաներ էր վաճառում։

— Ընտրեցե՛ք, խնդրեմ, ընտրեցե՛ք։

Նրա ձայնր այնքան նուրբ էր ու բարակ, որ կարծես խոսողը նա չլիներ։ Շուկան վխտում էր մարդկանցով։ Գույնզգույն գլխարկներ, լանջաբաց շրջազգեստներ, լողազգեստով դուրս ելած կանայք։ Արևի շոգը խեղդում էր քաղաքը։

Դա այնպիսի օրերից մեկն էր, որ մարդ չէր կարող լուրջ օրվա տեղ դնել։ Մարդիկ անցնում էին՝ առանց մի բան գնելու։ Վաճառողներն էլ չէին ստիպում գնել և շատախոսում էին իրար հետ՝ նայելով քաղաքապետարանի մեծ ժամացույցին, որ ամեն կողմից երևում էր։ Դա այնպիսի մի օր էր, որ չես կարող դասել արձակուրդային օրերի շարքին, երբ թվում է, թե փողը որևէ արժեք չունի։

Հանկարծ նշմարեցի լուսանկարչին, որը մի քանի օրից ի վեր հետապնդում էր ինձ։ Կանգնել էր ինձանից հիսուն մետր հեռու՝ թևերը ծալած։ Ոչինչ չէր գնում։ Երկու պտղավաճառների միջև անշարժ կանգնած՝ մտածում էր։ Միջահասակ էր։ Դեմքը կնճռոտված էր Ֆյուրկովի դեմքի նման։ Ի՞նչ էր անում այստեղ։ Արդյոք ի՞նձ էր փնտրում։ Ուզեցի հայտնապես իմանալ ճշմարտությունը Մի քանի քայլ առաջացա։ Տեղից չշարժվեց։ Բայց վստահ էի, որ ինձ տեսել էր։ Կանգ առա մի բանջարավաճառի արջև։

— Ի՞նչ եք ցանկանում գնել։

Վաճառողը մի պատանի էր։ Հայրը վստահաբար դիմացի խորտկարանում էր գտնվում։

— Կշռեցե՛ք … մեկ կիլոգրամ … լոլիկ։ Լուսանկարիչս տեղից չէր շարժվում։ Վերցրի փաթեթը և առաջացա։ Հայացքս հանդիպեց մի պանրավաճառի հայացքին։

— Կաղամբե՞ր եք ցանկանում։