Դևեր, Հավելված

Գրապահարան-ից

Դևեր
◀ Դևեր, Մասն երրորդ


Գլուխ իններորդ. Տիխոնի մոտ

I

Նիկոլայ Վսեվոլոդովիչն այդ գիշեր չքնեց և ամբողջ ժամանակ նստած էր բազմոցին, անշարժ հայացքը հաճախակի ուղղելով ցածր պահարանի մոտ անկյան մի կետի։ Ամբողջ գիշեր վառվում էր նրա լամպը։ Լուսադեմին, ժամը յոթին քնեց նստած տեղը, և երբ Ալեքսեյ Եգորովիչը, մեկընդմիշտ հաստատված սովորությամբ, ճիշտ ինն անց կեսին, նրա մոտ մտավ՝ սուրճի գավաթով և իր հայտնվելով արթնացրեց, թվում է տհաճությամբ զարմացել էր, որ կարող էր այդքան երկար քնել և որ այդքան ուշ է արդեն։ Շտապ խմեց սուրճը, շտապ հագնվեց և փութով ելավ տնից։ Ալեքսեյ Եգորովիչի զգույշ հարցին, թե «Որևիցե հրաման չի՞ լինի», ոչինչ չպատասխանեց։ Փողոցով գնում էր, ցած նայելով, խորապես մտազբաղ և միայն մի ակնթարթով բարձրացնելով գլուխը, հանկարծ ինչ-որ անորոշ, սակայն սաստիկ անհանգստություն ի հայտ բերում։ Տնից դեռ ոչ հեռու մի խաչմերուկում նրա ճամփան հատեց անցնող մուժիկների ամբոխը՝ հիսուն կամ ավելի հոգի կլինեին։ Քայլում էին ծանրումեծ, համարյա լուռ, ոչ պատահական կարգով։ Կրպակի մոտ, ուր ստիպված էր մի րոպեի չափ սպասել, ինչ-որ մեկն ասաց, թե «շպիգուլինյան բանվորներն» են։ Նա հազիվ ուշադրություն դարձրեց։ Վերջապես, տասն անց կեսի մոտ, նա հասավ մեր Սպասո-Եֆիմյևսկի Բոգոռոդսկի մենաստանի դարպասին՝ քաղաքի ծայրամասում՝ գետի մոտ։ Այստեղ միայն հանկարծ կարծես ինչ-որ բան հիշեց, կանգ առավ հապշտապ ու տագնապած, ինչ-որ բան շոշափեց կողքի գրպանում և քթի տակ ծիծաղեց։ Ցանկապատն անցնելով՝ առաջին իսկ պատահած փոքրավորին հարցրեց, թե ինչպես գնա մենաստանում հանգստի անցած հովվապետ Տիխոնի մոտ։ Փոքրավորը սկսեց խոնարհվել և անմիջապես առաջնորդեց նրան։ Մենաստանային երկարուկ, երկհարկանի կողաշենքի ծայրին առմուտքի մոտ, տիրաբար և վարժ շարժումով փոքրավորից նրան առավ իրենց հանդիպած գեր ու ճերմակամազ մի վանական և տարավ նեղ ու երկարուկ միջանցքով՝ նույնպես շարունակ խոնարհվելով (թեև գիրությունից չէր կարող շատ կռանալ, այլ միայն հաճախակի և կտրուկ գլուխն էր ցնցում), անընդհատ հրավիրելով շնորհ անել, թեև Ստավրոգինն առանց այդ էլ գնում էր նրա ետևից։ Վանականը շարունակ ինչ-որ հարցեր էր առաջարկում և խոսում վանահոր մասին, իսկ պատասխաններ չստանալով, ավելի ու ավելի էր հարգալիր դառնում։ Ստավրոգինը նկատեց, որ իրեն այստեղ ճանաչում են, թեև որքան հիշում էր, այստեղ էր եղել միայն մանուկ հասակում։ Երբ հասան դռանը՝ միջանցքի ամենածայրին, վանականը դա բացեց կարծես թե տիրական տեսքով, ընտանեվարի հարցրեց մոտ վազած սպասավորին՝ կարելի՞ է արդյոք մտնել և, նույնիսկ պատասխանի չսպասելով, լրիվ բացեց դուռը, թողեց անցնի «թանկագին» այցելուն, իսկ շնորհակալություն ստանալով, արագ չքացավ, ասես փախավ։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը մտավ մի փոքր սենյակ, և համարյա նույն պահին հարևան սենյակի դռան մեջ երևաց բարձրահասակ և չորչորուկ մի մարդ՝ հիսունհինգ տարեկան, տնային հասարակ կապայով, արտաքնապես կարծես թե փոքր-ինչ վատառողջ, անորոշ ժպիտով և տարօրինակ, մի տեսակ ամաչկոտ հայացքով։ Հենց այն Տիխոնն էր, ում մասին Նիկոլայ Վսեվոլոդովիչն առաջին անգամ լսել էր Շատովից և ում մասին, այն ժամանակից սկսած, հասցրել էր ինչ-որ տեղեկություններ հավաքել։

Տեղեկությունները բազմազան էին ու հակասական, բայց և ընդհանուր մի բան էլ ունեին, հատկապես այն, որ Տիխոնին սիրող և չսիրող (իսկ այդպիսիք կային) բոլոր մարդիկ նրա մասին մի տեսակ լռություն էին պահպանում, չսիրողները, հավանորեն, արհամարհանքից, իսկ հետևորդները՝ նույնիսկ ջերմեռանդ, ինչ-որ մի համեստությունից, կարծես կամենում էին ինչ-որ բան թաքցնել նրա մասին, նրա որևէ մի թուլությունը, գուցեև կրոնախևությունը։ Նիկոլայ Վսեվոլոդովիչն իմացել էր, որ նա արդեն վեց տարի ապրում է մենաստանում և որ նրա մոտ են գնում թե ամենահասարակ մարդիկ, թե երևելիագույն անձինք, որ անգամ հեռավոր Պետերբուրգում նա ունի ջերմեռանդ երկրպագուներ և գերակշռորեն երկրպագուհիներ։ Փոխարենը՝ լսել էր «ակումբային» մեր վեհատեսիլ մի ծերուկից, այն էլ՝ բարեպաշտ, թե «այդ Տիխոնը համարյա թե խելագար է, ծայրահեղ դեպքում կատարելապես անտաղանդ մի արարած և, անկասկած, խմող է»։ Առաջ անցնելով, իմ կողմից ավելացնեմ, որ վերջինը կտրականապես ցնդաբանություն է, այլ որ եղածը սոսկ ոտքերի արմատացած հոդացավն է և ժամանակ առ ժամանակ ինչ-որ նյարդային ջղաձգումներ։ Նիկոլայ Վսեվոլոդովիչն իմացել էր նաև, որ հանգստի անցած վանահայրը, թույլ բնավորությունից, թե «աններելի և իր կարգին անպատշաճ ցրվածության պատճառով» չէր կարողացել առանձին հարգանք ներշնչել իր հանդեպ բուն մենաստանում։ Ասում էին, որ ծայրագույն հայր վարդապետը, իր վանահայրական պարտականությունների առումով խոժոռ ու խիստ մի մարդ՝ գումարած հայտնի գիտունությունը, կարծես նույնիսկ որոշ թշնամական վերաբերմունք ուներ նրա հանդեպ և մեղադրում էր նրան (ոչ երեսին, այլ կողմնակիորեն) անփույթ կեցության և համարյա թե հերձվածողության մեջ։ Մենաստանային եղբայրությունը կարծես նույնպես վերաբերվում էր հիվանդ սրբազանին ոչ թե շատ անփութորեն, այլ, այսպես ասած, ընտանեվարի։ Տիխոնի խուցը կազմող երկու սենյակները կահավորված էին նույնպես տարօրինակ։ Կաղնեփայտե հնաոճ, մաշված կաշեպատ կարասու կողքին երեք-չորս նրբագեղ իրեր կային, հանգստի ճոխագույն թիկնաթոռ, սքանչելի դրվագումներով խոշոր գրասեղան, գեղեցիկ փորագրանախշերով գրապահարան, սեղանիկներ, գրադարակներ՝ բոլորը նվիրված։ Բուխարական թանկարժեք գորգ կար, դրա կողքին՝ փսիաթներ։ «Աշխարհիկ» բովանդակությամբ և առասպելաբանական ժամանակների փորագրանկարներ կային, հենց այդտեղ էլ, անկյունում, ոսկով ու արծաթով շողացող խոշոր տապանակը՝ սրբապատկերներով, որոնցից մեկը հնագույն ժամանակներից էր, մասունքներով։ Գրադարանը նույնպես, ասում էին, կազմված էր չափից ավելի բազմապիսի և հակասական, մեծ սրբազանների և քրիստոնեության մեծագործների երկերի կողքին կային թատերական ստեղծագործություններ, «իսկ գուցեև՝ ավելի վատ»։

Չգիտես ինչու, փոխադարձ անվարժ, հապշտապ և նույնիսկ անհստակ արտաբերված առաջին ողջույններից հետո, Տիխոնը հյուրին առաջնորդեց իր աշխատասենյակ և նստեցրեց բազմոցին՝ սեղանի առաջ, իսկ ինքը տեղավորվեց կողքը՝ հյուսկեն բազկաթոռին։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը դեռևս սաստիկ ցրված էր՝ ներքին ինչ-որ ճնշող հուզմունքից։ Երևում էր, որ նա արտակարգ և անառարկելի ինչ-որ բան է վճռել, միաժամանակ համարյա թե անհնարին՝ իր համար։ Մի րոպե նա զննում էր աշխատասենյակը, ըստ երևույթին չնկատելով զննածը, մտածում էր և, անշուշտ, չգիտեր ինչի մասին։ Նրան սթափեցրեց լռությունը, և հանկարծ թվաց, թե Տիխոնը կարծես ամաչկոտ թաքցնում է աչքերը, այն էլ՝ նույնիսկ մի անհարկի ծիծաղելի ժպիտով։ Դա ակնթարթորեն զզվանք հարուցեց նրա մեջ, ուզեց վեր կենալ ու գնալ, առավել ևս, որ, նրա կարծիքով, հաստատապես հարբած էր։ Բայց վերջինս հանկարծ բարձրացրեց աչքերը և նրան նայեց այնպիսի հաստատուն ու մտասույզ հայացքով, դրա հետ մեկտեղ՝ այնպիսի անսպասելի և հանելուկային արտահայտությամբ, որ Նիկոլայ Վսեվոլոդովիչը քիչ էր մնացել ցնցվեր։ Ինչ-ինչ բաներից նրան թվաց, թե Տիխոնն արդեն գիտե, թե ինքն ինչու է եկել, արդեն նախազգուշացված է (թեև ամբողջ աշխարհում ոչ ոք չէր կարող իմանալ պատճառը), և եթե առաջինն ինքը չի խոսք սկսում, ապա՝ խնայելով դիմացինին, վախենալով նվաստացումից։

― Դուք ինձ ճանաչո՞ւմ եք, — հարցրեց նա հանկարծ ընդոստ,― ներկայացա՞ ձեզ, թե՝ ոչ, երբ ներս մտա։ Ես այնպես ցրված եմ...

― Դուք չներկայացաք, բայց ես ձեզ մի անգամ տեսնելու հաճույքն ունեցել եմ, դեռևս չորս տարի առաջ, այստեղ, մենաստանում... պատահաբար...

Տիխոնը խոսում էր շատ անշտապ և համաչափ, մեղմաձայն, պարզ ու հստակ արտասանելով բառերը։

― Ես չեմ եղել այս մենաստանում չորս տարի առաջ,― նույնիսկ մի տեսակ կոպիտ առարկեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը,― այստեղ եղել եմ փոքր ժամանակ, երբ դուք այստեղ չէիք ամենևին։

― Գուցե մոռացե՞լ եք,― զգուշորեն և չպնդելով նշեց Տիխոնը։

― Ոչ, չեմ մոռացել, և ծիծաղելի կլիներ չհիշելը,― մի տեսակ անհարկի պնդեց Ստավրոգինը,― գուցե դուք իմ մասին լսել եք միայն և ինչ-որ պատկերացում կազմել, դրա համար էլ շփոթվեցիք, որ տեսաք։

Տիխոնը լռեց։ Այստեղ Նիկոլայ Վսեվոլոդովիչը նկատեց, որ նրա դեմքին երբեմն նյարդային կծկում է սահում՝ նյարդային վաղեմի թուլության նշան։

― Տեսնում եմ միայն, որ այսօր վատառողջ եք,― ասաց նա,― և կարծեմ, ավելի լավ կլինի, եթե ես գնամ։

Նա նույնիսկ տեղից ելնելու փորձ արեց։

― Այո, այսօր և երեկ ուժեղ ցավ եմ զգում ոտքերիս մեջ և գիշերը քիչ եմ քնել...

Տիխոնն ընդհատեց։ Նրա հյուրը կրկին ու հանկարծակի նորից ընկավ քիչ առաջվա իր անորոշ մտազբաղության մեջ։ Լռությունը երկար տևեց, մի երկու րոպե։

― Դուք ինձ զննո՞ւմ էիք,― հարցրեց նա հանկարծ տագնապած ու կասկածանքով։

― Ես ձեզ նայում ու վերհիշում էի ձեր ծնող մոր դիմագծերը։ Արտաքին նմանության բացակայության դեպքում շատ է ներքին, հոգեկան նմանությունը։

― Ոչ մի նմանություն, հատկապես՝ հոգեկան։ Նույնիսկ ա-մե-նե-վին ոչ մի,― նորից, անհարկի և չափից ավելի պնդելով, ինքն էլ չիմանալով ինչու, անհանգստացավ Նիկոլայ Վսեվո-լոդովիչը։― Դուք այդպես եք ասում... իմ վիճակի հանդեպ կարեկցանքից, և դատարկ բան է,― թնդաց նա հանկարծակի։― Բա՜, մի՞թե իմ մայրը գալիս է ձեզ մոտ։

― Գալիս է։

― Չգիտեի։ Երբեք չեմ լսել նրանից։ Հաճա՞խ։

― Համարյա ամեն ամիս, և ավելի հաճախ։

― Երբեք ու երբեք չեմ լսել։ Չեմ լսել։ Իսկ դուք, անշուշտ, լսել եք նրանից, որ ես խելագարված եմ,― ավելացրեց նա հանկարծ։

― Ոչ, ոչ որպես խելագարվածի։ Իմիջիայլոց, այդ գաղափարի մասին էլ եմ լսել, բայց ուրիշներից։

― Նշանակում է, դուք շատ լավ հիշողություն ունեք, եթե կարող էիք նման դատարկ բաներ հիշել։ Իսկ ապտակի մասին լսե՞լ եք։

― Ինչ-որ բան լսել եմ։

― Ասել է թե՝ ամեն ինչ։ Ահավոր շատ ավելորդ ժամանակ ունեք։ Մենամարտի մասի՞ն էլ։

― Մենամարտի մասին էլ։

― Դուք շատ բան եք այստեղ լսել։ Ահա, թե որտեղ պետք չեն լրագրեր։ Իմ մասին ձեզ Շատո՞վն է նախազգուշացրել։ Հը՞։

― Ոչ։ Իմիջիայլոց, ես ճանաչում եմ պարոն Շատովին, բայց վաղուց արդեն չեմ տեսել նրան։

― Հը՛մ... Այդ ի՞նչ քարտեզ է այնտեղ։ Բա՜, վերջին պատերազմի քարտեզն է։ Ձե՞ր ինչին է պետք դա։

― Տեքստը համադրել եմ աշխարհագրական քարտեզին։ Հետաքրքրագույն նկարագրություն է։

― Ցույց տվեք, այո, սա վատ շարադրանք չէ։ Բայց և այնպես, ձեզ համար արտառոց ընթերցանություն է։

Նա մոտ քաշեց գիրքը և հարևանցի նայեց։ Դա վերջին պատերազմի հանգամանքների ծավալուն և տաղանդավոր շարադրանք էր, ի դեպ, ոչ այնքան ռազմական, որքան զուտ գրական տեսակետից։ Շուռումուռ տալով գիրքը՝ նա հանկարծ անհամբերությամբ մի կողմ դրեց։

― Ես բացարձակապես չգիտեմ՝ ինչի՞ համար եմ եկել այստեղ,― խորշանքով ասաց նա՝ ուղիղ նայելով Տիխոնի աչքերին, կարծես հենց նրանից պատասխան սպասելով։

― Դուք նույնպես կարծես վատառողջ եք։

― Այո, վատառողջ եմ։

Ու հանկարծ նա, ի դեպ, ամենակարճ և կցկտուր խոսքերով, այնպես որ դժվար էր որոշ բաներ հասկանալ, պատմեց, որ ինքը, հատկապես գիշերները, ենթակա է որոշ առումով տեսլապատրանքների, որ երբեմն տեսնում է իր կողքին կւսմ զգում մի տեսակ քինոտ արարած, ծաղրասեր ու «բանական», «տարբեր դեմքերով և տարբեր բնավորություններով, բայց միևնույն բանն է, իսկ ես միշտ ջղայնանում եմ...»։

Խենթ ու խռիվ էին այդ բացահայտումները և, իրոք, ասես ելնում էին խելագարի բերանից։ Սակայն դրա հետ մեկտեղ, Նիկոլայ Վսեվոլոդովիչը խոսում էր այնպիսի տարօրինակ, մինչ այդ նրանից երբեք չտեսնված, օտարոտի, իրեն ամենևին ոչ հատուկ բացսրտությամբ, որ թվում էր, թե հանկարծակի ու անակնկալ, կատարելապես անհետացել է նրա միջից նախկին մարդը։ Նա ամենևին չամաչեց ի հայտ բերել այն վախը, որով խոսում էր իր տեսիլքի մասին։ Սակայն այդ ամենն ակնթարթային էր և նույնպես հանկարծակի չքացավ, ինչպես և հայտնվել էր։

― Այդ ամենը դատարկ բան է,― արագ ու անհարմար բարկությամբ ասաց նա՝ գլխի ընկնելով։― Ես կգնամ բժշկի մոտ։

― Անկասկած, գնացեք,― հաստատեց Տիխոնը։

― Դուք այնպես հաստատաբար եք ասում... Տեսե՞լ եք իմպեսների, այդպիսի տեսիլքներով։

― Տեսել եմ, բայց շատ հազվադեպ։ Միայն մեկին եմ հիշում իմ կյանքում, այդպիսին էր, զինվորական սպաներից, կնոջը՝ կյանքի անփոխարինելի ընկերոջը կորցնելուց հետո։ Մեկ ուրիշի մասին լսել եմ միայն։ Երկուսն էլ բուժվեցին արտասահմանում... Եվ վաղո՞ւց եք սույնին ենթակա։

― Կլինի՝ մեկ տարի, բայց այս ամենը դատարկ բան է։ Ես կգնամ բժշկի։ Եվ այդ ամենը դատարկ բան է, ահավոր դատարկ։ Այդ ես ինքս եմ՝ տարբեր տեսքերով, և ուրիշ ոչինչ։ Քանի որ ես նոր ավելացրի այդ... դարձվածքը, ապա դուք, հավանորեն, մտածում եք, որ ես դեռ երկմտում ու վստահ չեմ, որ դա ես եմ և ո՞չ իսկականից դև։

Տիխոնը հարցական նայեց։

― Եվ... դուք նրան տեսնում եք իսկապե՞ս,― հարցրեց նա, այն է՝ հեռացնելով ամենայն երկմտություն, որ դա անկասկած շինծու և հիվանդագին տեսլապատրանք է,― տեսնո՞ւմ եք, արդյոք, իսկապես որևիցե կերպար։

― Տարօրինակ է, որ դուք դա պնդում եք, այն դեպքում, երբ ձեզ արդեն ասել եմ, որ տեսնում եմ,― ամեն բառի հետ նորից սկսեց ջղայնանալ Ստավրոգինը,― իհարկե, տեսնում եմ, տեսնում եմ այնպես, ինչպես ձեզ... Իսկ երբեմն տեսնում եմ ու վստահ չեմ, թե տեսնում եմ, թեև տեսնում եմ... երբեմն էլ վստահ չեմ, որ ես եմ տեսնում, ու չգիտեմ, ինչն է ճիշտ՝ ե՞ս, թե՝ նա... Դատարկ բան է այս ամենը։ Իսկ դուք մի՞թե ոչ մի կերպ չեք կարող ենթադրել, որ դա իսկապես դև է,― ավելացրեց նա՝ սկսելով ծիծաղել և չափից ավելի կտրուկ անցնելով ծաղրական երանգի,― չէ՞ որ դա կբռնե՞ր ձեր մասնագիտությանը։

― Ավելի հավանական է, որ հիվանդություն է, թեև...

― Թեև՝ ի՞նչ։

― Դևեր գոյություն ունեն անկասկած, սակայն նրանց մասին ըմբռնումը կարող է խիստ տարբեր լինել։

― Դուք այն պատճառով նորից իջեցրիք ձեր աչքերը,― ընդմիջեց Ստավրոգինը՝ ջղային քմծիծաղով,― որ իմ փոխարեն ամոթ զգացիք, որ ես դևին եմ հավատում, իսկ չհավատալս ձևացնելով՝ խորամանկորեն հարց եմ տալիս ձեզ՝ կա՞ նա, թե չկա իսկապես։

Տիխոնն անորոշ ժպտաց։

― Եվ գիտեք, ձեզ ամենևին չի սազում աչքերն իջեցնելը, անբնական է, ծիծաղելի և շինծու, իսկ որպեսզի բավարարեմ ձեզ՝ կոպտության համար, ես ձեզ լրջորեն ու հանդգնաբար կասեմ, ես հավատում եմ դևին, հավատում եմ կանոնական, անձամբ, ոչ այլաբանությունը, և ինձ ոչինչ պետք չէ որևէ մեկից կորզել, ահա և բոլորը։ Դուք պետք է որ անչափ ուրախ լինեք...

Նա ծիծաղեց նյարդային, անբնական։ Տիխոնը հետաքրքրությամբ նրան էր նայում մեղմ և կարծես փոքր-ինչ երկչոտ հայացքով։

― Աստծուն հավատո՞ւմ եք,― հանկարծ թնդաց Ստավրոգինը։

― Հավատում եմ։

― Չէ որ ասված է. եթե հավատում ես ու հրամայես, որ սարը շարժվի, ապա նա կշարժվի... ի դեպ, ցնդաբանություն է։ Սակայն այնուամենայնիվ, ուզում եմ հարցնել, սարը տեղից կշարժե՞ք, թե՝ ոչ։

― Աստված կհրամայի, ու կշարժեմ,― մեղմ ու զուսպ պատասխանեց Տիխոնը՝ նորից ցած հառելով աչքերը։

― Է, դա նույնն Է, թե Աստված ինքը կշարժի։ Ոչ, դո՛ւք, դո՛ւք՝ ի պարգև Աստծուն հավատալուն։

― Գուցեև չեմ շարժի։

― «Գուցեև»։ Դա վատ չէ։ Իսկ ինչո՞ւ եք կասկածում։

― Ոչ կատարելապես եմ հավատում։

― Ինչպե՞ս, դո՞ւք ոչ կատարելապես, ո՞չ լիովին։

― Այո... գուցեև ոչ կատարելապես։

― Դե։ Ծայրահեղ դեպքում, այնուամենայնիվ, հավատում եք, որ թեկուզև Աստծո օգնությամբ կշարժեք, ու չէ որ դա քիչ չէ։ Այնուամենայնիվ, դա ավելին է, քան նույնպես մի արքեպիսկոպոսի tres peu-ն[1], ճիշտ է, թրի սպառնալիքի տակ։ Դուք, իհարկե, նաև քրիստոնյա՞ եք։

― Խաչիցը քո, Տեր, չեմ ընկրկի,― համարյա մրմնջաց Տիխոնը՝ մի տեսակ տարօրինակ շշուկով և ավելի հակելով գլուխը։ Նրա բերանի անկյունները հանկարծ թրթռացին նյարդային և արագ։

― Իսկ կարելի՞ է, արդյոք, հավատալ դևին՝ ամենևին չհավատալով Աստծուն,― ծիծաղել սկսեց Ստավրոգինը։

― Օ՜, շատ էլ կարելի է, ամենուրեք,― գլուխը բարձրացրեց Տիխոնը և նույնպես ծիծաղեց։

― Ես վստահ եմ, որ նման հավատն ավելի հարգարժան եք համարում, այնուամենայնիվ, քան լրիվ անհավատությունը... Օ՜, տերտեր,― քրքջաց Ստավրոգինը։ Տիխոնը նորից ժպտաց նրան։

― Ընդհակառակն, լիակատար աթեիզմն ավելի հարգարժան է աշխարհիկ անտարբերությունից,― ավելացրեց նա զվարթ ու պարզամիտ։

― Օհո՜, ահա թե դուք՝ ինչպե՜ս։

― Կատարյալ աթեիստը կանգնած է վերևի նախավերջին աստիճանին, մինչև կատարելագույն հավատը (քայլ կգցի-կանցնի՞, արդյոք, թե՝ ոչ), իսկ անտարբերը ոչ մի հավատ չունի, բացի գեշ վախից։

― Սակայն դուք... դուք կարդացե՞լ եք Հայտնությունը։

― Կարդացել եմ։

― Հիշո՞ւմ եք, արդյոք. «Լավոդիկեի եկեղեցու հրեշտակին գրիր...»։

― Հիշում եմ։ Սքանչելի բառեր են։

― Սքանչելի՞։ Տարօրինակ արտահայտություն է վանահոր համար, և ընդհանրապես, դուք ծուռ մարդ եք... Ո՞ւր է ձեր գիրքը,― մի տեսակ տարօրինակ շտապեց ու անհանգստացավ Ստավրոգինը՝ սեղանի վրա աչքերով փնտրելով գիրքը,― ուզում եմ կարդալ ձեզ համար... ռուսերեն թարգմանությունը կա՞։

― Ես գիտեմ, գիտեմ տեղը, ես լավ հիշում եմ,― ասաց Տխոնը։

― Անգի՞ր եք հիշում։ Կարդացեք...

Նա արագ ցած հառեց աչքերը, երկու ափերը հենեց ծնկներին և անհամբերությամբ պատրաստվեց լսել։ Տիխոնն արտասանեց՝ բառ առ բառ հիշելով. «Եվ Լավոդիկեի մեջ եկեղեցու հրեշտակին գրիր, այսպես է ասում Ամենը, հավատարիմ ու ճշմարիտ Վկան, Աստծո արարածների Սկիզբը։ Գիտեմ քո գործերը, որ ոչ պաղ ես ու ոչ տաք, երանի թե պաղ լինեիր կամ տաք ։ Ուստի որ գաղջ ես ու ոչ տաք, ոչ էլ պաղ, քեզ բերանիցս փսխելու վրա եմ։ Քանզի ասում ես, ես հարուստ եմ, հարստացա, և ոչ մի բանի կարոտ չեմ, ու չգիտես, որ դու խեղճ ու թշվառական ես, և աղքատ ու կույր ու մերկ...»։

― Բավական է,― ընդհատեց Ստավրոգինը,― սա մեջտեղինների, անտարբերների համար է, չէ՞։ Գիտեք, ես ձեզ շատ եմ սիրում։

― Ես էլ՝ ձեզ,― պատասխանեց Տիխոնը կիսաձայն։

Ստավրոգինը լռեց ու վերստին ընկավ քիչ առաջվա մտազբաղության մեջ։ Դա կատարվում էր ասես նոպաներով, արդեն երրորդ անգամ։ Եվ Տիխոնին էլ ասաց՝ «սիրում եմ» համարյա թե նոպայի մեջ, ծայրահեղ դեպքում՝ իր իսկ համար անսպասելի։ Անցավ մի րոպե։

― Մի բարկանա,― շշնջաց Տիխոնը՝ մատով հազիվ հպվելով նրա բազկին ու կարծես ինքն էլ երկնչելով։ Ստավրոգինը ցնցվեց և զայրագին խոժոռեց հոնքերը։

― Ինչի՞ց իմացաք, որ ես բարկացա,― արագ ասաց նա։ Տիխոնն ուզում էր ինչ-որ բան ասել, բայց Ստավրոգինը հանկարծակի ընդհատեց նրան՝ անբացատրելի տագնապով։

― Հատկապես ինչի՞ց ենթադրեցիք, որ ես անպայման պիտի բարկանամ։ Այո, ես ջղայնացել էի, իրավացի եք, ու հենց նրա համար, որ ձեզ ասացի «սիրում եմ»։ Դուք իրավացի եք, սակայն կոպիտ ցինիկ եք դուք, նվաստացուցիչ եք մտածում մարդկային բնույթքի մասին։ Չարացածություն կարող էր և չլինել, միայն թե ուրիշ մարդ լիներ, ոչ ես... Ի դեպ, խոսքը մարդու մասին չէ, այլ իմ մասին։ Այնուամենայնիվ, դուք տարօրինակ մարդ եք և կրոնախև...

Նա բորբոքվում էր ավելի ու ավելի և, տարօրինակ է, չէր նեղվում բառերից։

― Լսեք, ես չեմ սիրում լրտեսներին և հոգեբաններին, ծայրահեղ դեպքում նրանց, ովքեր հոգուս խորքն են խցկվում։ Ես ոչ մեկին չեմ կանչում հոգուս խորքը, ոչ մեկի կարիքն էլ չունեմ, կարող եմ ինքս էլ յոլա գնալ։ Դուք կարծում եք՝ ես վախենո՞ւմ եմ ձեզնից,― նա ձայնը բարձրացրեց և մարտահրավերով ցցեց դեմքը,― դուք կատարելապես համոզված եք, որ ես եկել եմ ձեզ մոտ՝ բացելու մի ահավոր «գաղտնիք» և սպասում եք դրան ծածուկ, համակ հետաքրքասիրությամբ, որին ընդունա՞կ եք։ Դե, ուրեմն իմացեք, որ ես ձեզ ոչինչ էլ չեմ բացահայտի, ոչ մի գաղտնիք, որովհետև ձեր կարիքն ամենևին չունեմ։

Տիխոնը հաստատակամ նրան նայեց.

― Ձեզ ապշեցրեց, որ Հրեշտակը սիրում է՝ ավելի լավ է պաղ, քան փոքր-ինչ գաղջ,― ասաց նա,― դուք չեք ուզում լինել միայն գաղջ։ Կանխազգում եմ, որ ձեզ տանջում է արտակարգ մի մտադրություն, գուցեև՝ սարսափելի։ Եթե այդպես է, ապա աղաչում եմ, մի տանջեք ձեզ և ասեք այն ամենը, ինչի համար եկել եք։

― Իսկ դուք հաստատ գիտեի՞ք, որ ինչ-որ բանի համար եմ եկել։

― Ես... դեմքից կռահեցի,― շշնջաց Տիխոնը՝ իջեցնելով աչքերը։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը փոքր-ինչ գունատված էր, ձեռքերը թեթևակի դողում էին։ Մի քանի վայրկյան անշարժ ու լուռ նայում էր Տիխոնին՝ կարծես վերջնականորեն վճռելով։ Վերջապես սերթուկի կողագրպանից հանեց ինչ-որ տպագիր թերթիկներ ու դրեց սեղանին։

― Ահա թերթիկներ՝ նախատեսված բաժանելու համար,― ասաց նա փոքր֊ինչ բեկվող ձայնով։― Եթե կարդա թեկուզ մեկ մարդ, ապա գիտցեք, որ արդեն չեմ թաքցնի դրանք, այլ կկարդան բոլորը։ Այդպես վճռված է։ Ես ձեր կարիքն ամենևին չունեմ, որովհետև ամեն ինչ վճռել եմ ես։ Բայց կարդացեք... Կարդալիս ոչինչ մի ասեք, իսկ կարդալուց հետո ամեն ինչ ասեք...

― Կարդա՞մ արդյոք,― անվճռական հարցրեց Տիխոնը։

― Կարդացեք, ես վաղուց հանգիստ եմ։

― Չէ, առանց ակնոց չեմ տեսնի, մանր, արտասահմանյան տպագրություն է։

― Ահա ակնոցը,― սեղանի վրայից վերցրեց ու նրան տվեց Ստավրոգինը և ետ ընկավ բազմոցի թիկնակին։ Տիխոնը խորասուզվեց ընթերցանության մեջ։

II

Տպագրությունը, իրոք, արտասահմանյան էր՝ փոստային սովորական փոքրաչափ երեք տպագրված և կազմված թերթ։ Պետք է որ գաղտնի տպագրված լիներ արտասահմանյան որևէ ռուսական տպարանում, և թերթիկներն առաջին հայացքից շատ էին նման թռուցիկների։ Վերնագիրն էր՝ «Ստավրոգինից»։

Այդ փաստաթուղթն իմ տարեգրության մեջ զետեղում եմ բառացի։ Հարկ է ենթադրել, որ հիմա շատերին է դա հայտնի։ Ես ինձ թույլ եմ տվել սոսկ շտկել ուղղագրական սխալները, որոնք բավական շատ էին և նույնիսկ փոքր-ինչ զարմացրին ինձ, քանի որ հեղինակը, այնուամենայնիվ, կրթված մարդ էր, անգամ շատ կարդացած (իհարկե, հարաբերական իմաստով)։ Իսկ գրելաոճի մեջ ոչ մի փոփոխություն չեմ արել, չնայած անճշտություններին և անգամ անհստակությանը։ Համենայն դեպս, ակներև է, որ հեղինակն ամենից առաջ գրող չէ։

«Ստավրոգինից։

Ես՝ Նիկոլայ Ստավրոգինս, պաշտոնաթող սպա, 186-թվականին ապրում էի Պետերբուրգում՝ անձնատուր եղած ցոփության, որի մեջ հաճույք չէի գտնում։ Որոշ ժամանակ ի վեր այն օրերին երեք բնակարան ունեի։ <Դրանցից> մեկում ապրում էի ինքս, հյուրանոցի համարի պես էր, սեղանով և աղախիններով, ուր այն ժամանակ գտնվում էր նաև Մարյա Լեբյադկինան՝ ներկայումս իմ օրինական կինը։ Իսկ մյուս երկու բնակարանները վարձում էի այն ժամանակ ամսեամիս՝ սիրային կապերի համար... մեկում ընդունում էի ինձ սիրող մի տիկնոջ, մյուսում՝ նրա աղախնին, և որոշ ժամանակ շատ զբաղված էի այդ երկուսին մեկտեղելու մտադրությամբ, այնպես, որ տիրուհին և սպասուհին ինձ մոտ հանդիպեին՝ իմ մտերիմների և իր ամուսնու ներկայությամբ։ Գիտնալով երկու բնավորություններն էլ, այդ հիմար կատակից ինձ համար մեծ հաճույք էի ակնկալում։

Կամաց-կամաց սարքելով այդ հանդիպումը, ես պիտի ավելի հաճախ լինեի այդ բնակարաններից մեկում՝ Գորոխովսկայա փողոցի մի մեծ տան մեջ, քանի որ այստեղ էր գալիս այն սպասուհին։ Այստեղ ես միայն մի սենյակ ունեի, չորրորդ հարկում, զբաղեցված ռուս քաղքենիներով։ Իսկ նրանք տեղավորված էին կողքի մյուս բնակարանում, այնքան շատ նեղվածք էր, որ բաժանող դուռը մշտապես բաց էր, ինչը և կամենում էի։ Մեկի ամուսինը գրասենյակում էր և բացակայում էր առավոտից գիշեր։ Կինը, քառասուն տարեկան, ինչ-որ բաներ էր կտրատում ու կարում՝ հնից նորը սարքելով և նույնպես հաճախ գնում էր տնից՝ կարածը տանելու։ Ես մենակ էի մնում նրանց դստեր հետ, տասնչորս տարեկան, արտաքնապես լիովին երեխա։ Անունը Մատրյոշա էր։ Մայրը սիրում էր նրան, սակայն հաճախ էր ծեծում և, իրենց սովորությամբ, ահավոր բղավում նրա վրա կնկավարի։ Այդ աղջնակը սպասավորություն էր անում ինձ համար և հավաքում-մաքրում միջնորմից այն կողմ իմ տեղը։ Հայտարարում եմ, որ մոռացել եմ տան թիվը։ Հիմա, ըստ տեղեկանքի, գիտեմ, որ հին տունը քանդել են, ձեռքից ձեռք վաճառել և նախկին երկու, թե երեք տների տեղում կանգնած է մի նորը, շատ մեծ։ Մոռացել եմ նաև իմ քաղքենիների անունը (իսկ գուցե և այն ժամանակ էլ չգիտեի)։ Հիշում եմ, որ քաղքենուհու անունը Ստեպանիդա էր, կարծեմ Միխայլովնա։ Ամուսնուն չեմ հիշում։ Ով էին, ինչ մարդիկ, որտեղից, և ուր են հիմա գնացել՝ բոլորովին չգիտեմ։ Ենթադրում եմ, որ եթե շատ սկսեմ փնտրել և հնարավոր հարցումներ անել պետերբուրգյան ոստիկանությունում, ապա հետքերը գտնել կարելի է։ Բնակարանը բակում էր, անկյուն ընկած։ Ամեն ինչ կատարվեց հունիսին։ Տունը բաց երկնագույն էր։

Մի անգամ սեղանիս վրայից անհետացավ գրչահատ դանակը, որն ինձ բոլորովին պետք չէր ու ընկած էր հենց այնպես։ Ասացի տանտիրուհուն՝ ոչ մի կերպ չմտածելով, որ նա կճիպտի դստերը։ Բայց նա հենց նոր էր գոռգոռացել երեխայի վրա (ես հասարակ էի ապրում, և նրանք ինձ հետ ձևականություններ չէին անում) ինչ-որ լաթ կորցնելու համար, կասկածելով, որ աղջիկն է թռցրել, նույնիսկ մազերը պոկոտեց։ Իսկ երբ այդ լաթը գտնվեց սփռոցի տակից, աղջնակը չուզեց ոչ մի բառ ասել որպես կշտամբանք և լուռ նայում էր։ Ես դա նկատեցի և տեղնուտեղը, առաջին անգամ լավ տեսա երեխայի դեմքը, իսկ մինչ այդ միայն աղոտ երևում-անցնում էր։ Նա ճեփ-ճերմակ էր ու պեպենոտ, դեմքը՝ սովորական, բայց շատ մանկական և մեղմ բան ուներ, չափազանց մեղմ։ Մորը դուր չեկավ, որ դուստրը չտրտնջաց զուր տեղը կերած ծեծի համար, և բռունցքը թափ տվեց երեխայի վրա, բայց չխփեց։ Այստեղ էլ մեջտեղ եկավ իմ փոքր դանակը։ Իրականում, մեր երեքից բացի, ոչ ոք չկար, իսկ ինձ մոտ՝ միջնորմից այն կողմ, մտնում էր միայն աղջնակը։ Կինը փրփրեց, քանի որ նախորդ անգամ ծեծել էր անարդարացի, ձեռքը գցեց ցախավելին, ճյուղեր պոկոտեց ու դրանցով ծեծեց երեխային՝ սպիներ գոյացնելու աստիճան, իմ աչքի առաջ։ Մատրյոշան ճիպտահարումից չգոռաց,բայց մի տեսակ տարօրինակ հեծկլտում էր ամեն հարվածի հետ։ Հետո էլ շատ հեծկլտաց, մի լրիվ ժամ։

Բայց դրանից առաջ ահա թե ինչ էր եղել, հենց այն պահին, երբ տանտիրուհին նետվեց՝ ցախավելից ճյուղեր պոկոտելու, ես գտա դանակն իմ մահճակալի վրա, ուր ինչ-որ կերպ ընկել էր սեղանի վրայից։ Իսկույն գլուխս մտավ՝ չհայտնել, որպեսզի նրան ճիպտեն։ Որոշեցի ակնթարթորեն, այդպիսի պահերի շունչս միշտ կտրվում է։ Սակայն ես մտադիր եմ ամեն ինչ պատմել ավելի հաստատուն խոսքերով, որպեսզի թաքուն ոչինչ չմնա այլևս։

Ամեն մի չափից դուրս խայտառակ, անսահման նսեմացուցիչ, ստոր և գլխավորը՝ ծիծաղելի վիճակ, որպիսիք ունեցել եմ իմ կյանքում, միշտ անչափելի զայրույթի հետ մեկտեղ, իմ մեջ արթնացրել է անասելի վայելք։ Ճիշտ նույնպես նաև հանցանքների պահին, կյանքի վտանգավոր րոպեներին։ Եթե ես որևէ բան գողանայի, գողությունն անելիս զմայլանք կզգայի իմ ստորության խորության գիտակցումից։ Ոչ թե ստորությունն եմ սիրել (այստեղ իմ բանականությունը միանգամայն անխաթար է եղել), սակայն վայելքն է ինձ դուր եկել ստորության տանջալի զգացումից։ Ճիշտ նույնպես, ամեն անգամ, երբ կանգնել եմ արգելագծին, սպասել հակառակորդի կրակոցին, ապա ունեցել եմ խայտառակ ու մոլեգին նույն զգացողությունը, մի անգամ էլ՝ չափազանց ուժեղ։ Խոստովանում եմ, որ հաճախ ինքս եմ փնտրել դա, որովհետև ինձ համար ամենաուժեղն է այդ տեսակետից։ Երբ ապտակներ եմ ստացել (ես իմ կյանքում երկու անգամ եմ ստացել), այդ դեպքում էլ է եղել, չնայած ահավոր զայրույթին։ Բայց եթե այդ ընթացքում զսպես զայրույթդ, ապա վայելքը կգերակշռի պատկերացնելիք ամեն բան։ Երբեք չեմ ասել այդ մասին ոչ մեկին, նույնիսկ ակնարկումով, և թաքցրել եմ որպես ամոթ ու խայտառակություն։ Բայց երբ մի անգամ ինձ ցավոտ ծեծեցին Պետերբուրգում՝ պանդոկում և քաշքշեցին մազերս, ես այդ զգացողությունը չունեցա, այլ սոսկ անսահման բարկություն՝ հարբած չէի և կռվում էի մենակ։ Բայց եթե մազերիցս բոներ ու կռացներ արտասահմանում այն ֆրանսիացին՝ վիկոնտը, որն ապտակեց այտիս և ում ներքևի ծնոտին կրակեցի ու ջարդեցի, ես վայելք կզգայի և, կարող է պատահել, զայրույթ էլ զգայի։ Այդպես էր ինձ թվում այն ժամանակ։

Այս ամենը նրա համար էր, որ ամեն մարդ գիտնա, որ այդ զգացումն ինձ երբեք չի հպատակեցրել ամբողջովին՝ կատարելապես, այլ միշտ մնացել է ամենակատարյալ գիտակցումը (և գիտակցության վրա էլ ամեն ինչ հիմնվել է)։ Ու թեև տիրել է ինձ՝ խելահեղության աստիճան, բայց երբեք ինքնամոռացության չի հասցրել։ Իմ ներսում կատարյալ կրակի հասնելով՝ միևնույն ժամանակ կարողացել եմ կատարելապես հաղթահարել դա, նույնիսկ կանգնեցնել վերին կետում, միայն թե ինքս երբեք չեմ ուզել կանգնեցնել։ Ես համոզված եմ, որ կարող էի ամբողջ կյանքս ապրել վանականի պես, չնայած գազանային հեշտասիրությանը, որով օժտված եմ և որը միշտ հարուցվել է։ Արտասովոր անչափավորությամբ մինչև տասնվեց տարեկան տրվելով անառակության, ինչից ապաշխարել է ժան ժակ Ոուսսոն, դադարեցրել եմ դա նույն րոպեին, երբ որոշեցի ուզենալ՝ տասնյոթ տարեկան։ Ես միշտ իմ գլխի տերն եմ, երբ ուզում եմ։ Այսպիսով, թող հայտնի լինի, որ ես չեմ ուզում փնտրել իմ հանցանքները ոչ շրջապատի մեջ, ոչ անպատասխանատվության հիվանդությունների մեջ։

Երբ վերջացավ պատժումը, դանակը դրեցի ժիլետիս գրպանը և դուրս գալով, շպրտեցի փողոց՝ տնից հեռու, որ ոչ ոք երբեք չիմանար։ Հետո սպասեցի երկու օր։ Աղջնակը, լաց լինելուց հետո, ավելի լռակյաց դարձավ, իսկ իմ հանդեպ, համոզված եմ, չարության զգացում չուներ։ Իմիջիայլոց, հավանորեն, որոշ չափով ամաչում էր, որ այդ եղանակով իրեն պատժել էին իմ ներկայությամբ, նա չէր բղավել, այլ հեծկլտացել էր սոսկ՝ հարվածների տակ, որովհետև կանգնած էի այդտեղ ու ամեն ինչ տեսա։ Բայց այդ ամոթի մեջ էլ, երեխայի նման, նա մեղադրում էր, հավանաբար, միայն ինքն իրեն։ Մինչև հիմա, գուցե նա սոսկ վախենում էր ինձնից, բայց ոչ անձնապես, այլ որպես կենվոր, օտար մի մարդ, և թվում է, շատ էր երկչոտ։

Ահա, հենց այդ երկու օրվա ընթացքում էլ ինքս ինձ հարց տվեցի, կարո՞ղ եմ, արդյոք, դեն նետել ու թողնել իմ մտադրությունը, և իսկույն զգացի, որ կարող եմ, կարող եմ ցանկացած ժամանակ և այս իսկ րոպեիս։ Մոտավորապես այդ ժամանակ ես ուզում էի ինձ սպանել՝ անտարբերության հիվանդությունից, ի դեպ, չգիտեմ ինչից։ Հենց այդ երկու-երեք օրում (քանի որ անպայման պետք էր սպասել, որ աղջնակն ամեն ինչ մոռանա), հավանաբար, ինքս ինձ անընդմեջ երազանքից շեղելու կամ սոսկ ծիծաղի համար, գողություն արեցի սենյակներից։ Դա միակ գողությունն էր իմ կյանքում։

Այդ սենյակներում բնավորվել էին շատ մարդիկ։ Իմիջիայլոց, մի աստիճանավոր էլ էր ապրում, ընտանիքի հետ, երկու փոքր, կահավորված սենյակներում։ Քառասուն տարեկան էր, ոչ լրիվ հիմար և վայելուչ տեսքով, սակայն չունևոր։ Նրա հետ չէի շփվում, և այնտեղ ինձ շրջապատողներից նա վախենում էր։ Հենց նոր էր ստացել ռոճիկը՝ երեսունհինգ ռուբլի։ Գլխավորը, որ դրդեց ինձ՝ այդ պահին հենց ինձ փող էր պետք (թեև չորս օր անց ստացա փոստով), այնպես որ գողացա, կարծես թե կարիքից և ոչ թե կատակով։ Արվեց դա հանդգնաբար և բացեիբաց. պարզապես մտա նրա համարը, երբ կինը, երեխաները և ինքը ճաշում էին մյուս սենյակում։ Այդտեղ, հենց դռան մոտի աթոռին դրված էր ծալված փոխհամազգեստը։ Այդ միտքը հանկարծ ցոլաց գլխումս դեռևս միջանցքում։ Ձեռքս խոթեցի գրպանը և հանեցի դրամապանակը։ Բայց աստիճանավորը խշխշոց էր լսել ու դուրս նայեց խցիկից։ Կարծում եմ, նա նույնիսկ տեսավ, ծայրահեղ դեպքում՝ ինչ-որ բան, բայց քանի որ ոչ ամեն ինչ, ապա, իհարկե, չհավատաց էլ աչքերին։ Ասացի, որ միջանցքով անցնելիս մտա նայելու, թե ժամը քանիսն է նրա պատի ժամացույցով։ «Կանգնած է»,― պատասխանեց նա, և ես դուրս եկա։

Այն ժամանակ ես շատ էի խմում, և իմ համարում ահագին ժողովուրդ կար, այդ թվում և Լեբյադկինը։ Դրամապանակը՝ մանր փողերով, դուրս շպրտեցի, իսկ թղթադրամները պահեցի։ Երեսուն երկու ռուբլի էր՝ երեք կարմիր և երկու դեղին թղթադրամ։ Տեղնուտեղը մանրեցի մի կարմիրը և ուղարկեցի՝ շամպայն բերելու, հետո մի կարմիր էլ ուղարկեցի, ապա և երրորդը։ Մի չորս ժամ անց և արդեն երեկոյան, աստիճանավորն ինձ էր սպասում միջանցքում։

― Նիկոլայ Վսեվոլոդովիչ, ցերեկը որ մտաք, պատահաբար վիցմունդիրը չգցեցի՞ք աթոռից... դռան մոտ էր։

― Չէ, չեմ հիշում։ Իսկ վիցմունդիր կա՞ր այնտեղ։

― Այ-յո, այնտեղ-ղ էր։

― Հատակի՞ն։

― Սկզբում աթոռին, հետո՝ հատակին։

― Իսկ ի՞նչ, չվերցրի՞ք։

― Վերցրի։

― Ուրիշ էլ ի՞նչ է պետք։

― Դե, որ էդպես-ս է, ուրեմն ոչ-չինչ...

Նա չհամարձակվեց խոսքն ավարտել, համարներում էլ չհամարձակվեց ոչ ոքի ասել՝ այնպես երկչոտ են այդ մարդիկ։ Իմիջիայլոց, համարներում բոլորն ինձնից ահավոր վախենում էին ու հարգում։ Հետո սիրում էի հայացքով հանդիպել նրան միջանցքում, մի երկու անգամ։ Շուտով ձանձրացրեց։

Հենց երեք օրն ավարտվեց, ես վերադարձա Գորոխովսկայա։ Մայրն ինչ-որ տեղ էր պատրաստվում գնալ՝ կապոցով, ամուսինը, իհարկե, տանը չէր։ Մնացինք ես ու Մատրյոշան։ Պատուհանները բաց էին։ Տանը միշտ արհեստավորներ էին բնակվում, և ամբողջ օրը բոլոր հարկերից մուրճերի թխկթխկոց էր լսվում, կամ երգեր։ Արդեն մի ժամվա չափ իրար հետ էինք։ Մատրյոշան նստած էր իր խցիկում, փոքր նստարանին՝ մեջքով դեպի ինձ, ինչ-որ գործ էր անում ասեղով։ Ի վերջո, հանկարծ սկսեց երգել կամացուկ՝ մեկ-մեկ լինում էր այդպես։ Հանեցի ժամացույցս ու նայեցի՝ երկուսն էր։ Սիրտս սկսեց բաբախել։ Բայց այստեղ ես հանկարծ նորից հարց տվեցի ինձ. կարո՞ղ եմ կանգնեցնել, և իսկույն ևեթ պատասխանեցի, որ կարող եմ։ Վեր կացա և սկսեցի թաքուն մոտենալ նրան։ Նրանց պատուհաններին շատ խորդենիներ էին դրված, և արեգակն ահավոր վառ էր լուսավորում։ Կամացուկ նստեցի նրա կողքը, հատակին։ Նա ցնցվեց և սկզբում անչափ վախեցավ ու վեր ցատկեց։ Բռնեցի ձեռքն ու անձայն համբուրեցի, կռացրի, նորից նստեցրի նստարանին և սկսեցի նայել աչքերի մեջ։ Այն, որ համբուրեցի ձեռքը, հանկարծ ծիծաղեցրեց նրան, ինչպես մանկանը, սակայն միայն մի ակնթարթ, որովհետև նա ընդոստ վեր ցատկեց մի անգամ էլ, արդեն այնպես վախեցած, որ դեմքին ջղաձգություն հայտնվեց։ Նա ինձ էր նայում ահավոր անշարժ աչքերով, իսկ շուրթերն սկսեցին ցնցվել՝ լաց լինելու համար, բայց և այնպես չբղավեց։ Նորից սկսեցի համբուրել նրա ձեռքերը՝ նստեցնելով ծնկներիս, համբուրեցի դեմքը և ոտքերը։ Երբ ոտքերն էի համբուրում, նա ամբողջ մարմնով ձգվեց-պրկվեց ու ժպտաց կարծես ամոթից, բայց մի տեսակ ծուռ ժպիտով։ Դեմքն ամբողջովին կրակվում էր ամոթից։ Ես շարունակ ինչ-որ բան էի շշնջում նրան։ Ի վերջո, հանկարծ այսպիսի մի տարօրինակ բան եղավ, որը երբեք չեմ մոռանա և որն իմ զարմանքը հարուցեց. աղջնակը գրկեց վիզս և սկսեց հանկարծ ինքը համբուրել պինդ-պինդ։ Դեմքը կատարյալ հիացմունք էր արտահայտում։ Քիչ էր մնացել վեր կենայի ու գնայի, այնքան որ տհաճ էր ինձ այդչափ փոքր երեխայից՝ խղճահարությունից։ Բայց հաղթահարեցի իմ վախի հանկարծակի զգացումը և մնացի։

Երբ ամեն ինչ վերջացավ, նա շփոթահար էր։ Ես չփորձեցի հակառակը համոզել նրան և արդեն չէի փաղաքշում։ Նա ինձ էր նայում՝ երկչոտ ժպտալով։ Դեմքն ինձ հանկարծ տխմար թվաց։ Շփոթմունքն արագությամբ, րոպե առ րոպե, ավելի ու ավելի էր համակում նրան։ Ի վերջո, դեմքը ծածկեց ձեռքերով և կանգնեց անկյունում՝ անշարժ, դեմքն արած պատին։ Ես վախեցա, որ նա կրկին կսարսափի, ինչպես քիչ առաջ, և լուռ դուրս եկա տնից։

Ենթադրում եմ, որ կատարված ամեն ինչ նրան պիտի ներկայանար վերջնականապես որպես անսահման այլանդակություն՝ մահացու սարսափով։ Չնայած ռուսական հայհոյանքներին, որ պիտի լսած լիներ օրորոցից և ամեն տեսակ տարօրինակ խոսակցություններին, ես կատարելապես վստահ եմ, որ նա դեռևս ոչինչ չէր հասկանում։ Հավանորեն, ի վերջո նրան թվացել է, որ անպատկերացնելի հանցանք է գործել ինքը և մահացու մեղքի տակ է՝ «Աստծուն է սպանել»։

Այդ գիշեր ես պանդոկում այն կռիվն արեցի, որի մասին թռուցիկ հիշատակել եմ։ Առավոտյան արթնացա իմ համարում, ինձ Լեբյադկինն էր տուն բերել։ Արթնանալուն պես, առաջին միտքս էր. ասե՞լ է աղջնակը, թե՝ ոչ, իսկական վախի րոպե էր դա, թեև դեռ ոչ շատ ուժեղ։ Շատ ուրախ էի այդ առավոտ ու ահավոր բարի՝ բոլորի նկատմամբ, և ամբողջ հրոսակախումբն ինձնից շատ էր գոհ։ Բայց նրանց բոլորին թողեցի և գնացի Գորոխովսկայա։ Նրան հանդիպեցի դեռ ներքևում, հաշտում։ Գալիս էր կրպակից, ուր ուղարկել էին՝ եղերդակ գնելու։ Ինձ տեսնելով՝ նա ահավոր վախով սուրաց սանդուղքն ի վեր։ Երբ ներս մտա, մայրն արդեն երկու անգամ հասցրել էր այտին, որովհետև տուն էր ընկել «գլխապատառ», ինչով էլ թաքցրել վախի իսկական պատճառը։ Այդպիսով, առայժմ ամեն ինչ հանգիստ էր։ Նա ինչ-որ տեղ էր թաքնվել, և դուրս չեկավ ամբողջ ժամանակ, քանի դեռ այնտեղ էի։ Մի ժամվա չափ մնացի և դուրս եկա։

Երեկոյան դեմ նորից վախ զգացի, բայց արդեն անհամեմատ ավելի ուժեղ։ Իհարկե, ես կարող էի ժխտել, բայց ինձ կարող էին նաև մերկացնել։ Աչքիս տաժանակրություն էր երևում։ Ես երբեք վախ չէի զգացել և կյանքումս այդ դեպքից բացի, ոչ նախկինում, ոչ դրանից հետո ոչնչից չէի վախենում։ Եվ հատկապես Սիբիրից, թեև կարող էի աքսորված լինել քանիցս։ Բայց այս անգամ վախեցած էի և իսկապես վախ էի զգում, չգիտեմ ինչու, առաջին անգամ կյանքումս՝ շատ տանջալի զգացողություն էր։ Բացի դրանից, երեկոյան իմ համարում այն աստիճան ատեցի նրան, որ վճռեցի սպանել։ Գլխավոր ատելությունս առաջանում էր նրա ժպիտը հիշելիս։ Ներսումս ծնունդ էր առել արհամարհանքը, անսահման խորշանքով, այն պատճառով, թե ինչպես նա, ամեն ինչից հետո, նետվեց անկյունը և դեմքը ծածկեց ձեռքերով, ու ինձ պատում էր անբացատրելի կատաղություն, դրան հետևում էր դողը։ Իսկ երբ լուսադեմին ջերմությունս սկսեց բարձրանալ, նորից ինձ պարուրեց վախը, բայց արդեն այնչափ սաստիկ, որ ավելի ուժեղ ոչ մի տանջանք չէի զգացել։ Բայց արդեն աղջնակին չէի ատում այլևս, ծայրահեղ դեպքում՝ մոլուցքի աստիճանին չէր հասնում, ինչպես երեկ երեկոյից։ Նկատեցի, որ ուժեղ վախը կատարելապես վանում է ատելությունը և վրեժխնդրության զգացումը։

Արթնացա կեսօրվա դեմ և նույնիսկ զարմացա երեկվա իմ մի քանի զգացողությունների վրա։ Բայց և գեշ տրամադրության մեջ էի և հարկադրված էի գնալ Գորոխովկայա, չնայած համակ նողկանքին։ Հիշում եմ, որ անչափ ուզում էի այդ րոպեին մեկնումեկի հետ վեճի բռնվել, միայն թե լուրջ։ Բայց հասնելով Գորոխովսկայա, հանկարծ իմ սենյակում տեսա Նինա Սավելյևնային՝ այն աղախնին, որն արդեն մի ժամվա չափ ինձ էր սպասում։ Այդ աղջկան բոլորովին չէի սիրում, այնպես որ նա եկել էր փոքր-ինչ վախեցած, թե չեմ բարկանա, արդյոք, անկոչ այցելության համար։ Բայց ես հանկարծ շատ ուրախացա՝ նրան տեսնելով։ Նա լավիկն էր, բայց խոնարհ և քաղքենիների հավանած շարժուձևով, այնպես որ տանտիրուհին վաղուց արդեն շատ էր գովում նրան ինձ մոտ։ Երկուսին էլ տեսա սուրճ խմելիս, իսկ տանտիրուհուն՝ չափազանց գոհ հաճելի զրույցից։ Նրանց խցիկի անկյունում նկատեցի Մատրյոշային։ Նա կանգնել, մորն ու հյուրին էր նայում՝ անշարժ։ Երբ ներս մտա, չթաքնվեց, ինչպես այն ժամանակ և չփախավ։ Ինձ թվաց միայն, որ շատ է նիհարած և որ ջերմի մեջ է։ Ես շոյեցի Նինային և ծածկեցի տանտիրուհու մոտ տանող դուռը, ինչ վաղուց չէի անում, այնպես որ Նինան գնաց միանգամայն ուրախացած։ Ես ինքս ուղեկցեցի նրան և երկու օր չեկա Գորոխովայա։ Արդեն ձանձրացել էի։

Ես որոշեցի վերջացնել ամեն ինչ, հրաժարվել բնակարանից և մեկնել Պետերբուրգից։ Սակայն երբ եկա՝ հրաժարվելու բնակարանից, տանտիրուհուն տեսա տագնապի ու վշտի մեջ։ Մատրյոշան արդեն երեք օր հիվանդ էր, ամեն գիշեր ջերմությունը բարձրանում և գիշերը զառանցում էր։ Անշուշտ, հարցրի, թե ինչ է զառանցում (մենք խոսում էինք շշունջով, իմ սենյակում)։ Նա ինձ շշնջաց, թե «վախենալու բաներ» է զառանցում. «Իբր թե, Աստծուն եմ սպանել»։ Ես առաջարկեցի բժիշկ բերել՝ իմ հաշվին, բայց մայրը չուզեց. «Տա Աստված, էնպես էլ կանցնի, միշտ պառկած չի, ցերեկները դուրս է գալիս, նոր վազեց խանութ ու եկավ»։ Որոշեցի մենակ հանդիպել Մատրյոշային, քանի որ տանտիրուհին խոսքի մեջ ասաց, թե ժամը հինգի մոտերքը պիտի գնա Պետերբուրգսկայա փողոց, ուստիև վճռեցի ետ գալ երեկոյան։

Ճաշեցի պանդոկում։ Ճիշտ հինգն անց քառորդ ետ եկա։ Ես միշտ իմ բանալիով էի բացում դուռը։ Բացի Մատրյոշայից, ոչ ոք չկար։ Նա պառկած էր խցիկում, միջնակալների ետևում, մոր անկողնուն, և տեսա, թե ինչպես դուրս նայեց, բայց ձևացրի, թե չեմ նկատում։ Բոլոր պատուհանները բաց էին։ Օրը տաք էր, նույնիսկ շոգ։ Ես քայլեցի սենյակում և նստեցի բազմոցին։ Հիշում եմ ամեն ինչ, մինչև վերջին րոպեն։ Ինձ իսկական հաճույք էր պատճառում Մատրյոշայի հետ չխոսելը։ Ես սպասում էի և նստեցի մի ամբողջ ժամ, և հանկարծ նա ինքը դուրս եկավ միջնակալների ետևից։ Լսեցի, ինչպես հատակին դիպան երկու ոտքերը, երբ ցած թռավ մահճակալից, ապա բավական փութկոտ քայլերը, և կանգնեց իմ սենյակի շեմին։ Լուռ ինձ էր նայում։ Այդ չորս, թե հինգ օրերի ընթացքում, այն ժամանակից ի վեր, ոչ մի անգամ չէի տեսել մոտիկից, իսկապես շատ էր նիհարել նա։ Դեմքը կարծես չորացել էր, գլուխն էլ՝ հավանորեն, ջերմի մեջ էր։ Աչքերը մեծացել էին ու ինձ էին նայում անթեք, մի տեսակ բութ հետաքրքրությամբ, ինչպես ինձ թվաց սկզբից։ Ես նստած էի բազմոցի անկյունին, նայում էի նրան և չէի շարժվում տեղիցս։ Եվ այստեղ հանկարծ կրկին ատելություն զգացի։ Սակայն շատ շուտով նկատեցի, որ նա ամենևին չի վախենում ինձնից, այլ կարող է պատահել, ավելի շուտ տենդի մեջ է։ Բայց նա տենդի մեջ չէր։ Հանկարծ արագ-արագ գլխով արեց ինձ, ինչպես թափահարում են գլուխը, երբ շատ են կշտամբում, ու մեկ էլ բարձրացրեց իր փոքրիկ բռունցքն ինձ վրա ու սկսեց սպառնալ նստած տեղից։ Առաջին պահ այդ շարժումն ինձ ծիծաղելի թվաց, բայց այլևս դիմանալ չկարողացա, վեր կացա ու առաջացա դեպի նա։ Դեմքին այնպիսի հուսալքություն կար, ինչ անհնար է տեսնել մանկան դեմքին։ Նա շարունակում էր փոքրիկ բռունցքն ինձ վրա թափահարել սպառնանքով և գլխով անում՝ կշտամբանքով։ Ես մոտ գնացի և խոսեցի զգուշորեն, բայց տեսա, որ չի հասկանա։ Հետո նա հանկարծ ընդոստ շարժումով ծածկվեց երկու ձեռքերով, ինչպես այն ժամանակ, հեռացավ ու կանգնեց պատուհանի մոտ՝ մեջքն ինձ արած։ Ես թողեցի նրան, ետ եկա իմ սենյակ և նույնպես նստեցի պատուհանի մոտ։ Ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչու դուրս չեկա այն ժամանակ և մնացի՝ կարծես թե սպասելու։ Շուտով նորից լսեցի նրա փութկոտ քայլերը, նա դուրս եկավ փայտաշեն պատշգամբ տանող դռնով, որից սանդուղք էր իջնում ցած, և ես իսկույն վազեցի իմ դռան մոտ, բացեցի ու հասցրի դեռևս տեսնել, թե ինչպես Մատրյոշան մտավ հավաբուն հիշեցնող փոքր խորդանոցը՝ արտաքնոցի մոտ։ Տարօրինակ միտք ցոլաց գլխումս։ Ես ծածկեցի դուռը և մոտեցա պատուհանին։ Անշուշտ, դեռևս հավատալ չէր կարելի այդ մտքին, «բայց և այնպես...» (Ես ամեն ինչ հիշում եմ)։

Մի րոպե անց նայեցի ժամացույցին և նշեցի ժամը։ Իրիկնանում էր։ Իմ գլխավերևում ինչ-որ ճանճ էր բզզում ու շարունակ նստում դեմքիս։ Որսացի, երկու մատով բռնած, դուրս թողեցի պատուհանից։ Ահավոր գռգռոցով ներքևում մի սայլ մտավ բակ։ Շատ բարձրաձայն (և արդեն վաղուց) բակի անկյունում, լուսամուտի մոտ երգում էր արհեստավորներից մեկը՝ դերձակը։ Նա գործի վրա էր, և ես տեսնում էի նրան։ Մտքովս անցավ, որ քանի որ ինձ ոչ ոք չտեսավ, երբ մտա դարպասից ու վեր ելա սանդուղքով, ապա, անշուշտ, պետք չէ նաև հիմա տեսնեն, երբ կիջնեմ, ու աթոռը դեն տարա պատուհանի մոտից։ Հետո գիրք առա ձեռքս, բայց դեն գցեցի ու սկսեցի նայել խորդենու տերևի վրա մի մանրիկ, կարմրավուն սարդի և ընդարմացա։ Ամեն ինչ հիշում եմ մինչև վերջին վայրկյանը։

Հանկարծ հանեցի ժամացոււյցս։ Քսան րոպե էր անցել, ինչ նա դուրս էր եկել։ Կռահումն ընդունում էր հավանականության տեսք։ Բայց ես վճռեցի մի քառորդ ժամ էլ սպասել։ Մտքովս անցնում էր, թե չի՞ վերադարձել արդյոք, իսկ ես գուցեև չեմ լսել, բայց դա լինել չէր էլ կարող, մեռելային լռություն էր և ես կարող էի մժղուկի տզզոցն իսկ լսել։ Սիրտս հանկարծ բաբախեց։ Հանեցի ժամացույցս, երեք րոպե չէր հերիքում, սպասեցի, մինչև անցնեն, թեև սիրտս ցավելով էր զարկում։ Այդտեղ էլ վեր կացա, շլյապաս դրեցի, վերարկուս կոճկեցի ևզննեցի սենյակը՝ ամե՞ն ինչ է տեղում, հետքեր չե՞ն մնացել, որ եկել եմ։ Աթոռն ավելի մոտեցրի պատուհանին, ինչպես առաջ էր դրված։ Վերջապես, կամացուկ բացեցի դուռը, կողպեցի իմ բանալիով և գնացի դեպի խորդանոց։ Դուռը վրա էր դրված, բայց կողպած չէր։ Ես գիտեի, որ չի կողպվում, սակայն բացել չուզեցի, այլ բարձրացա ոտնաթաթերիս և նայեցի ճեղքից։ Այդ իսկ վայրկյանին, ոտնաթաթերիս բարձրանալիս, հիշեցի, որ երբ նստած էի պատուհանի մոտ և կարմրավուն սարդիկին էի նայում՝ ընդարմացած, մտածում էի, թե ինչպես եմ բարձրանալու ոտնաթաթերիս և աչքս հասցնելու այդ ճեղքին։ Այս մանրունքն այստեղ ագուցելով, ուզում եմ անպայման ապացուցել, թե ինչ աստիճանի հստակ էի տիրապետում իմ մտավոր կարողություններին։ Ես երկար նայում էի ճեղքից ներս, այնտեղ մութ էր, բայց ոչ կատարյալ։ Վերջապես զանազանեցի ինչ պետք էր... շարունակ ուզում էի կատարելապես հավաստիանալ։

Վճռեցի վերջապես, որ կարելի է գնալ, և իջա սանդուղքով։ Ոչ ոքի չհանդիպեցի։ Մի երեք ժամ անց, մենք բոլորս, առանց սերթուկների, համարում թեյ էինք խմում և խաղում հին խաղաթղթերով, Լեբյադկինը ոտանավորներ էր կարդում։ Շատ բաներ էին պատմում և, կարծես դիտմամբ, բոլորը՝ հաջող ու ծիծաղելի, այլ ոչ ինչպես միշտ՝ տխմար։ Կիրիլլովն էլ կար։ Ոչ ոք չէր խմում, թեև ռոմի շիշը սեղանին էր, բայց միայն Լեբյադկինն էր մեկ-մեկ կոնծում։ Պրոխոր Մալովը նկատեց, որ «երբ Նիկոլայ Վսեվոլոդովիչը գոհ են լինում և մելամաղձոտ չեն, ապա բոլոր մերոնք ուրախ են ու խելոք են խոսում»։ Դա մտապահել եմ հենց այն ժամանակից։

Բայց արդեն ժամը տասնմեկին վազեվազ եկավ դռնապանի աղջիկը՝ տանտիրուհու կողմից, Գորոխովայա փողոցից, լուր բերելով ինձ, որ Մատրյոշան կախվել է։ Գնացի աղջկա հետ ու տեսա, որ տանտիրուհին ինքն էլ չգիտե, թե ինչու է իմ ետևից մարդ ուղարկել։ Նա գոռում էր ու պատեպատ զարկվում, իրարանցում էր, լիքը ժողովուրդ, ոստիկաններ։ Ես մի քիչ կանգնեցի հաշտում և հեռացա։

Ինձ համարյա չանհանգստացրին, ի դեպ, հարցրին, ինչ հարկն է։ Սակայն բացի նրանից, որ աղջնակը հիվանդ էր և վերջին օրերը զառանցանքի մեջ, այնպես որ իմ կողմից բժիշկ էլ առաջարկեցի՝ իմ հաշվին, բացարձակապես ոչինչ չէի կարող ցուցմունք տալ։ Հարցրին նաև դանակի մասին։ Ասացի, որ տանտիրուհին ճիպտել է, բայց որ դա ոչինչ էլ չէ։ Այն մասին, որ երեկոյան եկել եմ, ոչ ոք չիմացավ։ Բժշկական քննության մասին ոչինչ չեմ լսել։

Մի շաբաթվա չափ չէի գնում այնտեղ։ Գնացի բնակարանը հանձնելու, երբ վաղուց արդեն թաղել էին։ Տանտիրուհին դեռևս լալիս էր, թեև արդեն իր լաթուլութին և կարին էր անցել՝ առաջվա պես։ «Ձեր դանակի համար նեղացրի նրան»,― ասաց նա ինձ, բայց առանց մեծ կշտամբանքի։ Այն պատրվակով արեցի վերջնահաշվարկը, որ հիմա ինձ չի կարելի մնալ այսպիսի բնակարանում՝ Նինա Սավելյևնային այստեղ հանդիպելու համար։ Հրաժեշտ տալիս տանտիրուհին մի անգամ էլ գովեց Նինա Սավելյևնային։ Հեռանալիս, բնակարանի վարձից ավելի հինգ ռուբլի նվիրեցի նրան։

Ինձ համար ընդհանրապես այն ժամանակ շատ տխուր էր ապրելը, գժվելու չափ։ Գորոխովայա փողոցի դեպքը, վտանգն անցնելուց հետո, այն է՝ լրիվ պիտի մոռանայի, ինչպես և այն ժամանակվա ամեն ինչը, եթե որոշ ժամանակ անց չվերհիշեի, նաև չարությամբ, թե ինչպես էի վախեցել։ Բարկությունս թափում էի՝ ում վրա կարողանում էի։ Այդ ժամանակ էլ հենց, սակայն ամենևին ոչ ինչ-ինչ պատճառներով, միտք ծագեց մի կերպ այլանդակել կյանքս, միայն թե հնարավորին չափ գարշելի։ Շուրջ մի տարի առաջ արդեն մտմտում էի ինքնասպան լինել։ Ավելի լավ բան ներկայացավ։ Մի անգամ, տեսնելով կաղ Մարյա Տիմոֆեևնա Լեբյադկինային, որը մասամբ սպասարկում էր անկյուն վարձողներին ու դեռևս ցնորված չէր, այլ պարզապես հուզավառ ապուշ՝ գաղտնի սիրահարված ինձ խենթի պես (ինչ մերոնք էին հայտնաբերել), ես հանկարծ վճռեցի ամուսնանալ նրա հետ։ Նման հետնյալ արարածի հետ Ստավրոգինի ամուսնության միտքը խտղտացնում էր նյարդերս։ Ավելի այլանդակ բան պատկերացնել իսկ չէր կարելի։ Սակայն չեմ կարող որոշել՝ իմ վճռականության մեջ, թեկուզ անգիտակցաբար, առկա՞ էր, արդյոք (հարկավ, անգիտակցաբար) բարկություն այն նսեմ վախկոտության համար, որ պատել էր ինձ Մատրյոշայի հետ կապված գործից հետո։ Ճիշտն ասած, չեմ կարծում, բայց և այնպես, պսակվեցի ոչ սոսկ «գինարբուքից հետո նորից խմիչքի ուղարկելու գրազով»։ Ամուսնության վկաներն էին Կիրիլլովը և Պյոտր Վերխովենսկին, որն այն ժամանակ Պետերբուրգում էր, ի վերջո, ինքը՝ Լեբյադկինը և Պրոխոր Մալովը (ներկայումս մահացած)։ Ուրիշ ոչ ոք չիմացավ դա, իսկ նրանք խոսք տվին լուռ մնալ։ Այդ լռությունն ինձ միշտ մի տեսակ գարշանք է թվացել, բայց մինչև հիմա դա չի խախտվել, թեև մտադրություն ունեցել եմ հայտարարել։ Ի դեպ, հայտարարում եմ հիմա։

Պսակվելուց հետո, մեկնեցի նահանգ՝ մորս մոտ։ Գնացի զվարճանքի համար, որովհետև անտանելի էր։ Մեր քաղաքում իմ մասին միտք թողեցի, թե ցնորված եմ, մի գաղափար, որ մինչև հիմա նույնիսկ արմատախիլ չէ և, անկասկած, վնասակար է ինձ համար, ինչը կբացատրեմ ստորև։ Հետո գնացի արտասահման և մնացի չորս տարի։

Ես եղա Արևելքում, Աֆոնում ութժամյա երեկոյան ժամերգությունների կանգնեցի, եղա Եգիպտոսում, ապրեցի Շվեյցարիայում, եղա նույնիսկ Իսլանդիայում, մի ամբողջ տարի դասընթացների նստեցի Գյոտտինգենում։ Վերջին տարում շատ մտերմացա մի ռուս երևելի ընտանիքի հետ Փարիզում, և երկու ռուս օրիորդների հետ՝ Շվեյցարիայում։ Սրանից երկու տարի առաջ, Ֆրանկֆուրտում, թղթավաճառի մոտով անցնելիս, ծախու լուսանկարների մեջ նկատեցի մանկական նրբագեղ հագուստով մի աղջնակի նկար՝ շատ նման Մատրյոշային։ Անմիջապես գնեցի նկարը և վերադառնալով հյուրանոց՝ դրեցի բուխարու վրա։ Այդտեղ էլ մնաց մի շաբաթվա չափ, ձեռք չտված, ու ես ոչ մի անգամ չնայեցի, իսկ Ֆրանկֆուրտից մեկնելիս, մոռացա վերցնել։

Ներդնում եմ սա դիտավորյալ, ապացուցելու համար, թե ինչ աստիճան կարող էի իշխել իմ հիշողությունների վրա և անզգա դառնալ դրանց նկատմամբ։ Ես ժխտեցի դրանք՝ բոլորը միանգամից, զանգվածով, և ամբողջ զանգվածը հլու չքանում էր ամեն անգամ, հենց ցանկանայի։ Ինձ համար միշտ ձանձրալի է եղել վերհիշել անցյալը ու երբեք չեմ կարողացել խոսել անցյալի մասին, ինչպես անում են համարյա բոլորը։ Իսկ ինչ վերաբերում է Մատրյոշային, ապա նույնիսկ նկարը մոռացա բուխարու վրա։

Սրանից մի տարի առաջ, գարնանը, անցնելով Գերմանիայով, ցրվածությամբ անցա կայարանը, որտեղից պիտի թեքվեի իմ ճամփով և ընկա ուրիշ գծերի վրա։ Ինձ իջեցրին հաջորդ կայարանում, ցերեկվա ժամը երեքին մոտ էր, պարզ օր։ Գերմանական փոքր քաղաք էր։ Ինձ ցույց տվին հյուրանոցը։ Պետք էր սպասել, հաջորդ գնացքն անցնում էր գիշերվա տասնմեկին։ Ես նույնիսկ գոհ էի դիպվածից, որովհետև ոչ մի տեղ չէի շտապում։ Հյուրանոցը վատն էր ու փոքր, բայց ամբողջովին կանաչի մեջ թաղված և չորս կողմից եզերված ծաղկաթմբերով։ Մի նեղլիկ սենյակ տվեցին ինձ։ Փառավոր ճաշեցի, և քանի որ ամբողջ գիշեր ճանապարհին էի, հիանալի քնեցի ուտելուց հետո՝ կեսօրվա ժամը չորսին։

Ինձ համար միանգամայն անսպասելի երազ տեսա, որովհետև այդպիսին չէի տեսել երբեք։ Դրեզդենում, պատկերասրահում է Կլոդ Լորրենի նկարը, ըստ պատկերացանկի, կարծեմ, «Ասիսը և Գալատեան», իսկ ես դա միշտ կոչել եմ «Ոսկե դար»՝ ինքս էլ չգիտեմ, ինչու։ Նախկինում էլ էի դա տեսել, իսկ հիմա, անցնելիս, մի անգամ էլ նկատեցի։ Հենց այդ նկարն էլ տեսա երազիս, բայց ոչ որպես նկար, այլ կարծես մի տեսակ իրողություն։

Հունական կղզեխմբի մի անկյուն, երկնագույն փաղաքուշ ալիքներ, կղզիներ ու ժայռեր, փթթուն առափնյա կախարդական համայնապատկեր հեռվում, մայր մտնող ու կանչող արև՝ բառերով նկարագրել չի լինի։ Այստեղ է հիշում իր օրրանը եվրոպական մարդկությունը, այստեղ են առասպելաբանության առաջին տեսարանները, նրա երկնային դրախտը... Այստեղ ապրել են սքանչելի մարդիկ։ Նրանք քնում ու արթնանում էին երջանիկ և անմեղ, անտառակները լցվում էին նրանց զվարթ երգերով, անսպառ ուժերի հորդ առատությունը պարպվում էր սիրո և պարզսիրտ ուրախությունների մեջ։ Արեգակն իր շողերով էր լեցնում այդ կղզիներն ու ծովը՝ բերկրալով իր սքանչելի զավակներով։ Հրաշալի երազ, վերին մոլորություն։ Երազանք՝ ամենաանհավանականը բոլոր եղածներից, որին համայն մարդկությունն իր ամբողջ կյանքում տվել է բոլոր իր ուժերը, հանուն որի զոհաբերել է ամեն ինչ, որի համար խաչերի վրա մահացել ու սպանվել են մարգարեները, առանց որի ժողովուրդները չեն ուզում ապրել և չեն կարող նույնիսկ մեռնել։ Այս ամբողջ զգացողությունը ես կարծես ապրեցի այդ երազում։ Չգիտեմ, թե հատկապես ինչ կար երազիս, սակայն ժայռերն ու ծովը և մայր մտնող արևի շեղ շողքերը՝ այդ ամենը կարծես դեռ տեսնում էի, երբ արթնացա ու բացեցի աչքերս, առաջին անգամ կյանքում տառացիորեն ողողված արցունքներով։ Դեռևս ինձ անհայտ երջանկության զգացողությունն անցավ սրտիս միջով, անգամ ցավ պատճառելով։ Արդեն կատարյալ երեկո էր։ Իմ փոքր սենյակի պատուհանից, այդտեղ դրված ծաղիկների կանաչի միջով թափանցում էր մայր մտնող արևի վառ ու շեղ ճառագայթների մի ամբողջ փունջ՝ լույսով ողողելով ինձ։ Շուտով կրկին փակեցի աչքերս՝ բաղձալով ետ բերել անցած երազը, բայց հանկարծ պայծառ-պայծառ լույսի կենտրոնում տեսա մի մանր-մանր կետ։ Դա ինչ-որ կերպար էր ընդունում, ու հանկարծ ինձ հստակ պատկերվեց մի ճստիկ, կարմրավուն սարդաճուտ։ Իսկույն հիշեցի դրան՝ խորդենու տերևի վրա, երբ ճիշտ այդպես հորդում էին մայրամուտի թեք ճառագայթները։ Մի բան մխրճվեց իմ մեջ կարծես, կռթնեցի ու նստեցի անկողնում... (Ահա թե ինչպես եղավ այդ ամենն այն ժամանակ)։

Իմ առաջ ես տեսա (օ՜, ոչ արթմնի, եթե միայն, եթե միայն դա իսկական երևույթք լիներ), ես տեսա Մատրյոշային՝ նիհարած և դողէրոցքի աչքերով, ճիշտ ու ճիշտ ինչպես այն ժամանակ, երբ կանգնած էր իմ շեմին և գլուխը թափահարելով ինձ վրա բարձրացրեց իր պստիկ բռունցքը։ Եվ երբեք ու ոչինչ չէր հայտնվել ինձ՝ այդչափ տանջալի։ Խղճահարույց հուսալքությունն անօգնական տասնամյա արարածի, չկայունացած իր դատողությամբ՝ ինձ սպառնացող (ինչո՞վ, ի՞նչ կարող էր նա ինձ անել), սակայն մեղադրող, անշուշտ, միայն իրեն։ Դեռևս երբեք նման ոչինչ չէր պատահել ինձ։ Մնացի նստած մինչև գիշեր՝ առանց շարժվելու և մոռացած ժամանակը։ Դա՞ է, արդյոք, կոչվում խղճի խայթ կամ ապաշխարանք։ Չգիտեմ ու չեմ կարող ասել մինչև օրս։ Կարող է պատահել, մինչև հիմա ինձ համար նողկալի չէ նույնիսկ հիշողությունը բուն արարքի մասին։ Կարող է պատահել, այդ հիշողությունն իր մեջ ամփոփում է նույնիսկ հաճելի մի բան՝ կրքերիս համար։ Ոչ, ինձ համար անդիմանալի է միմիայն այդ կերպարը, և հատկապես դռան շեմին՝ իր բարձրացրած ու սպառնացող փոքր բռունցքով, միմիայն նրա այն ժամանակվա տեսքը, միայն այն րոպեն, միայն գլխի այդ տարուբերումը։ Ահա, ինչի չեմ դիմանում ես, որովհետև այն ժամանակից ի վեր պատկերվում է ինձ համարյա ամեն օր։ Ինքը չի պատկերվում, այլ ինքս եմ նրան կանչում ու չեմ կարող չկանչել, թեև չեմ կարող ապրել դրա հետ։ Օ՜, եթե երբևիցե տեսնեի նրան արթմնի, թեկուզև տեսլապատրանքով։ Ուրիշ հին հիշողություններ էլ ունեմ, գուցեև ավելի լավ սրանից։ Մի կնոջ հետ ես ավելի վատ եմ վարվել, ու նա մեռավ դրանից։ Մենամարտով կյանքից զրկել եմ իմ հանդեպ անմեղ երկու հոգու։ Մի անգամ վիրավորել են ինձ մահացու, և վրեժ չեմ լուծել հակառակորդից։ Խղճիս վրա մի թունավորում էլ կա՝ դիտավորյալ և հաջողված, և հայտնի չէ ոչ ոքի։ (Եթե պետք է, ամեն ինչ կհայտնեմ)։

Բայց ինչու՞ այդ հիշողություններից ոչ մեկն իմ մեջ նման ոչինչ չի հարուցում։ Մի՞թե սոսկ ատելությունը, այն էլ ներկա վիճակով առաջացած, իսկ նախկինում համարյա թե մոռանում էի և վանում։

Դրանից հետո մի ամբողջ տարի թափառում էի և ջանում զբաղվել։ Գիտեմ, որ հիմա էլ կարող եմ հեռացնել աղջնակին, երբ կամենամ։ Ես առաջվա պես կատարելապես տիրապետում եմ իմ կամքին։ Բայց ամբողջ խնդիրն այն է հենց, որ երբեք չեմ ուզել դա անել, չեմ ուզել և չեմ ուզենա՝ դա արդեն գիտեմ։ Այդպես էլ կշարունակվի, ընդհուպ մինչև իմ խելագարվելը։ Շվեյցարիայում, երկու ամիս անց, ես կարող էի սիրահարվել մի օրիորդի, կամ ավելի լավ է ասել՝ զգացի նմանօրինակ կրքի մի նոպա, նմանօրինակ ամեհի պոռթկումներից մեկը, ինչպես լինում էր միայն մի ժամանակ՝ ամենասկզբում։ Ահավոր գայթակղություն զգացի գնալու նոր հանցագործության, այն է՝ երկկնության (որովհետև արդեն ամուսնացած եմ), սակայն ես փախա, մեկ ուրիշ աղջկա խորհրդով, ում համարյա թե ամեն բան հայտնեցի։ Բացի դրանից, այդ նոր հանցանքն ինձ ամենևին չէր ազատի Մատրյոշայից։

Այդպիսով, որոշեցի տպագրել այս թղթերն ու հետս բերել Ռուսաստան՝ երեք հարյուր օրինակով։ Երբ գա ժամանակը, կուղարկեմ ոստիկանությանը և տեղական իշխանությանը, միաժամանակ կուղարկեմ բոլոր թերթերի խմբագրություններ՝ հրապարակման խնդրանքով, նաև Պետերբուրգում և Ռուսաստանում ինձ ճանաչող բազմաթիվ անձանց։ Համապատասխանն ի հայտ կգա և արտասահմանում, թարգմանաբար։ Ես գիտեմ, որ իրավաբանորեն գուցեև չեմ անհանգստացվի, ծայրահեղ դեպքում՝ նշանակալի չափով։ Ես ինքս եմ հայտարարում իմ մասին և չունեմ մեղադրող, բացի դրանից՝ ոչ մի ապացույց չկա, չափազանց քիչ են դրանք։ Ի վերջո, իմ գիտակցության խանգարվածության արմատացած միտքը և հավանաբար, իմ հարազատների ջանքերը, որոնք կօգտվեն այդ մտքից և կդադարեցնեն ինձ համար վտանգավոր ամեն տեսակի իրավաբանական հետապնդում։ Իմիջիայլոց, ես սա հայտարարում եմ, որպեսզի ապացուցեմ, որ խելքս տեղն է ամբողջովին և իմ վիճակը հասկանում եմ։ Սակայն ինձ համար կմնան նրանք, ովքեր ամեն ինչ կիմանան ու կնայեն ինձ, իսկ ես՝ իրենց։ Ու ինչքան շատ եղան նրանք, այնքան ավելի լավ։ Արդյո՞ք, կթեթևացնի դա ինձ՝ չգիտեմ։ Դիմում եմ որպես վերջին միջոցի։

Մեկ անգամ ևս. եթե շատ փնտրտեն պետերբուրգյան ոստիկանությունում, գուցեև ինչ-որ բան գտնվի։ Քաղքենիները գուցեև հիմա էլ են Պետերբուրգում։ Տունը, անշուշտ, կհիշեն։ Բաց երկնագույն էր։ Իսկ ես ոչ մի տեղ չեմ գնա և որոշ ժամանակ (մեկ կամ երկու տարվա չափ) միշտ կլինեմ Սկվորեշնիկիում, իմ մոր կալվածքում։ Իսկ եթե պահանջվեց, կներկայանամ ամեն տեղ։

Նիկոլայ Ստավրոգին»։

<III>

Ընթերցումը շարունակվեց շուրջ մեկ ժամ։ Տիխոնը կարդում էր դանդաղ, գուցեև որոշ տեղեր երկու անգամ էր կարդում։ Այդ ամբողջ ընթացքում Ստավրոգինը նստած էր լուռ ու անշարժ։ Տարօրինակ էր, որ անհամբերության, ցրվածության ու կարծես զառանցանքի երանգը, որ նրա դեմքին էր ամբողջ առավոտվա ընթացքում, համարյա չքացել էր, փոխարինվել հանգստությամբ և կարծես ինչ-որ անկեղծությամբ, ինչ նրան համարյա արժանապատիվ տեսք էր տալիս։ Տիխոնը հանեց ակնոցը և սկսեց առաջինը, որոշ զգուշությամբ։

― Իսկ չի՞ կարելի սույն փաստաթղթում որոշ ուղղումներ անել։

― Ինչի՞ համար։ Ես գրել եմ անկեղծորեն,― պատասխանեց Ստավրոգինը։

― Թեթևակի՝ ոճի մեջ։

― Ես մոռացա ձեզ զգուշացնել, որ ձեր բոլոր խոսքերն իզուր կլինեն, ես ետ չեմ կանգնի իմ մտադրությունից, նեղություն մի կրեք՝ հակառակը համոզել։

― Դուք դա չմոռացաք զգուշացնել դեռևս նախքան ընթերցումը։

― Միևնույնն է, կրկնում եմ նորից, ինչպիսին էլ լինի ձեր առարկությունների ուժը, ես իմ մտադրությունից չեմ հրաժարվի։ Նկատի ունեցեք, որ այս անճարտար կամ ճարտար դարձվածքով՝ ինչ ուզում եք, մտածեք, ամենևին հետամուտ չեմ, որ անմիջապես սկսեք ինձ առարկել և ինձ համոզել,― ավելացրեց նա, կարծես չդիմանալով ու հանկարծ կրկին ձեռք բերելով իր նախկին տոնը՝ մի պահ, բայց իսկույն ևեթ ժպտաց իր ասածի վրա։

― Ես ձեզ առարկել ու հատկապես համոզել, որ թողնեք ձեր մտադրությունը, չէի էլ կարող։ Այդ միտքը մեծ միտք է և առավել լրիվ չի կարող արտահայտվելքրիստոնեական միտքը։ Ձեր ծրագրած նման զարմանալի սխրանքից այն կողմ չի կարող գնալ ապաշխարանքը, եթե միայն...

― Եթե միայն՝ ի՞նչ։

― Եթե դա իսկապես ապաշխարանք լիներ և իսկապես քրիստոնեական միտք։

― Ինձ թվում է, դրանք նրբություններ են։ Միևնույն չէ՞, արդյոք։ Ես անկեղծ եմ գրել։

― Դուք կարծես դիտավորյալ ուզում եք ավելի կոպիտ ներկայացնել ձեզ, քան ձեր սիրտը կկամենար...― ավելի ու ավելի համարձակ էր դառնում Տիխոնը։ Ակներևաբար, «փաստաթուղթը» նրա վրա ուժեղ տպավորություն էր գործել։

― «Ներկայացնե՞լ», կրկնում եմ, ես չեմ «ներկայացել» և հատկապես չեմ «կոտրատվել»։

Տիխոնն արագ իջեցրեց աչքերը։

― Այս փաստաթուղթը ելնում է ուղիղ մահացու խոցված սրտի պահանջմունքից՝ ճի՞շտ եմ հասկանում, արդյոք,― շարունակեց նա համառությամբ և անսովոր ավյունով։― Այո, սույնն ապաշխարանք է և ձեզ ընկճած բնական պահանջմունք, և դուք ընկել եք մեծ ճանապարհի, չլսված մի ճանապարհի վրա։ Բայց դուք կարծես արդեն նախապես ատում եք բոլոր նրանց, ովքեր կկարդան այստեղ նկարագրվածը, և կռվի եք կանչում նրանց։Չամաչելով խոստովանել հանցանքը՝ ինչո՞ւ եք ամաչում ապաշխարանքից։ Թող նայեն ինձ՝ ասում եք դուք, լավ, իսկ ինքներդ ինչպե՞ս պիտի նայեք նրանց։ Ձեր շարադրանքի մեջ որոշ տեղեր ուժեղացված են ոճով, դուք ասես հիանում եք ձեր հոգեբանությամբ և կառչում ցանկացած մանրուքից, միայն թե զարմացնեք ընթերցողին ձեր անզգայությամբ, որ չունեք։ Ի՞նչ է սա, եթե ոչ մեղավորի՝ դատավորին ուղղված գոռոզ մարտահրավեր։

― Իսկ ո՞ւր է մարտահրավերը։ Ես վերացրել եմ բոլոր տեսակի դատողություններն իմ անունից։

Տիխոնը լռեց։ Նույնիսկ շառագույն երևաց նրա դալուկ այտերին։

― Թողնենք դա,― կտրուկ դադարեցրեց Ստավրոգինը։― Թույլ տվեք մի հարց առաջարկել ձեզ, արդեն իմ կողմից, ահա արդեն հինգ րոպե է, մենք խոսում ենք դրանից հետո (գլխով ցույց տվեց թերթիկները) և ես ձեր մեջ չեմ տեսնում գարշանքի կամ ամոթի և ոչ մի արտահայտություն... կարծում եմ, դուք խորշող չեք...

Նա չավարտեց և քթի տակ ծիծաղեց։

― Այսինքն, դուք կուզեիք, որ ես շուտով հայտնեի ձեզ իմ արհամարհանքը,― հաստատ ասաց Տիխոնը։― Ես ձեզնից ոչինչ չեմ թաքցնում, ինձ սարսափեցրել է մեծ ու պարապ ուժը՝ դիտավորյալ մսխված պղծության մեջ։

Ինչ վերաբերում է բուն հանցանքին, ապա շատերն են մեղանչել նույնպես, սակայն ապրում են իրենց խղճի հետ հաշտ ու հանգիստ, նույնիսկ անխուսափելի համարելով ջահելության զանցանքները։ Կան նաև ծերունիներ, որոնք մեղանչել են նույնպես, և նույնիսկ սփոփանքով ու կայտառությամբ։ Բոլոր այդ սարսափներով է լեցուն բովանդակ աշխարհը։ Իսկ դուք զգացել եք համակ խորությունը, ինչ շատ հազվադեպ է պատահում այդ աստիճանի։

― Չլինի՞ ինձ հարգել սկսեցիք թերթիկներից հետո,― ծուռ ժպտաց Ստավրոգինը։

― Դրան ուղղակի չեմ պատասխանի։ Սակայն ավելի մեծ ու ավելի սարսափելի հանցանք, քան ձեր արարմունքն է պարմանուհու հետ, իհարկե, չկա և չի կարող լինել։

― Արշիններով չափելը թողնենք։ Ինձ մի քիչ զարմացնում է ձեր կարծիքն ուրիշ մարդկանց մասին և նման հանցագործության սովորականության մասին։ Ես գուցեև ամենևին այնպես չեմ տառապում, ինչպես գրել եմ այստեղ և գուցե իրոք շատ բան եմ ստել իմ վերաբերյալ,― ավելացրեց նա անսպասելի։

Տիխոնը մի անգամ էլ լռեց։ Ստավրոգինը չէր էլ մտածում հեռանալ, հակառակը, սկսեց պահ առ պահ սաստիկ մտահոգության մեջ ընկնել։― Իսկ այն օրիորդը,― շատ երկչոտ նորից սկսեց Տիխոնը,― ում հետ դադարեցրիք կապը Շվեյցարիայում, եթե համարձակվեմ հարցնել, որտե՞ղ է գտնվում... այս պահին։

― Այստեղ։

Նորից՝ լռություն։

― Գուցե ես շատ ստեր ասացի ձեզ իմ մասին,― համառորեն մի անգամ էլ կրկնեց Ստավրոգինը։― Իմիջիայլոց, հետո՞ ինչ, որ ես դրանք հարուցում եմ իմ խոստովանության կոպտությամբ, եթե դուք մարտահրավեր եք նկատում։ Ես կստիպեմ նրանց էլ ավելի ատել ինձ, ուրիշ ոչինչ։ Չէ որ այդպես ավելի հեշտ կլինի ինձ համար։

― Այսինքն, նրանց ատելությունը կհարուցի ձերը, և ատելով, ձեզ համար ավելի հեշտ կլինի, քան եթե նրանցից կարեկցա՞նք ընդունեիք։

― Գիտեք, դուք իրավացի եք,― հանկարծ սկսեց ծիծաղել Ստավրոգինը,― գուցեև ինձ ճիզվիտ կոչեն և սուտ բարեպա՞շտ, հա՛-հա՛-հա՛։ Այդպես չէ՞։

― Իհարկե, այդպիսի կարծիք էլ կլինի։ Իսկ շուտո՞վ հույս ունեք իրականացնել սույն մտադրությունը։

― Այսօր, վաղը, վաղը չէ մյուս օրը, ի՞նչ իմանամ։ Միայն թե շատ շուտով։ Դուք իրավացի եք. կարծում եմ, հենց այդպես էլ կլինի, որ կհրապարակեմ հանկարծակի և հենց մի որևէ վրեժխնդիր, ատելի պահի, երբ ամեն ինչից շատ կատեմ նրանց։

― Պատասխանեք հարցիս, բայց անկեղծորեն, մենակ ինձ, միայն ինձ.եթե մեկնումեկը ձեզ ներեր սրա համար (Տիխոնը մատնացույց արեց թերթիկները) և չէ թե նրանցից մեկը, ում դուք հարգում եք, կամ վախենում, այլ անծանոթը, մեկը, ում երբեք չեք ճանաչի, լուռ, ինքն իր համար կարդալով ձեր սարսափելի խոստովանանքը, ձեզ համար ավելի դյուրի՞ն կլիներ այդ մտքից, թե՞՝ միևնույն է։

― Ավելի դյուրին,― պատասխանեց Ստավրոգինը կիսաձայն՝ աչքերն իջեցնելով։― Եթե դուք ինձ ներեիք, ինձ համար շատ ավելի հեշտ կլիներ,― ավելացրեց նա անսպասելի և կիսաշշուկով։

― Պայմանով, որ դուք ինձ՝ նույնպես,― խորաթափանց ձայնով մրմնջաց Տիխոնը։

― Ինչի՞ համար, դո՞ւք ինձ ինչ եք արել։ Ահ, այո, դա մենաստանայի՞ն բանաձևում էր։

― Կամա, թե ակամայի համար։ Մեղանչելով՝ յուրաքանչյուր ոք արդեն բոլորի դեմ է մեղանչում և յուրաքանչյուր ոք թեկուզ ինչ-որ բանով ուրիշի մեղքի մեջ մեղավոր է։ Եզակի մեղք չկա։ Իսկ ես մեծ մեղավոր եմ, գուցե նաև ձեզնից ավելի։

― Ես ձեզ լրիվ ճշմարիտը կասեմ, ես ցանկանում եմ, որ ինձ ներեք դուք, ձեզ հետ մեկտեղ՝ երկրորդը, երրորդը, բայց բոլորը՝ բոլորն ավելի լավ է, թող ատեն։ Բայց նրա համար եմ ցանկանում, որպեսզի խոնարհաբար կրեմ...

― Իսկ համընդհանուր ափսոսանքն առ ձեզ չէի՞ք կարող այդ նույն խոնարհությամբ կրել։

― Գուցեև չկարողանայի։ Դուք շատ նուրբ եք բռնացնում։ Բայց... ինչո՞ւ եք դա անում։

― Զգում եմ ձեր անկեղծության աստիճանը և, իհարկե, շատ եմ մեղավոր, որ չեմ կարողանում մոտեցում գտնել մարդկանց։ Ես միշտ զգացել եմ իմ մեծ թերությունն այդ առումով,― անկեղծորեն ու սրտաբուխ ասաց Տիխոնը՝ նայելով ուղիղ Ստավրոգինի աչքերին։― Սոսկ նրա համար, որ սարսափում եմ ձեզ համար,― ավելացրեց նա,― ձեր դիմաց համարյա անանցանելի անդունդ է։

― Որ չե՞մ դիմանա, որ խոնարհաբար չե՞մ կրի նրանց ատելությունը։

― Ոչ սոսկ ատելությունը։

― Իսկ է՞լ ինչ։

― Նրանց ծիծաղը,― կարծես թե ուժից վեր ու կիսաշշունջ պոկվեց Տիխոնի բերանից։

Ստավրոգինը շփոթվեց, անհանգստություն գծագրվեց նրա դեմքին։

― Ես դա կանխազգում էի,― ասաց նա։― Նշանակում է, ես ձեզ թվացել եմ շա՞տ կոմիկական անձնավորություն, իմ «փաստաթուղթը» կարդալուց հետո, չնայած համակ ողբերգությանը։ Մի անհանգստացեք, մի շշկլվեք... չէ որ ինքս էլ եմ կանխազգացել։

― Սարսափը կլինի համընդհանուր և, իհարկե, ավելի շատ կեղծ, քան անկեղծ։ Սարդիկ վախկոտ են սոսկ այն բանի հանդեպ, ինչ ուղղակի սպառնում է իրենց անձնական շահերին։ Մաքուր հոգիների մասին չեմ ասում՝ նրանք կսարսափեն և իրենց կմեղադրեն, սակայն աննկատ կլինեն։ Իսկ ծիծաղը համընդհանուր կլինի։

― Եվ ավելացրեք մեծ մտածողի դիտողությունը, որ ուրիշի աղետի մեջ միշտ հաճելի մի բան կա մեզ համար։

― Արդարացի միտք է։

― Բայց դուք... ինքներդ հենց... Ես զարմանում եմ, թե ինչքան վատ եք մտածում մարդկանց մասին, ինչքան նողկալի,

― թեթևակի չարացած տեսքով ասաց Ստավրոգինը։

― Իսկ կհավատա՞ք, ես ավելի շատ ինձնով դատելով ասացի, քան մարդկանցով,― բացականչեց Տիխոնը։

― Իսկապե՞ս, և մի՞թե ձեր հոգում թեկուզ մի բան կա, որ այստեղ զվարճացնում է ձեզ՝ իմ ցավի հետ։

― Ո՞վ գիտե, գուցեև կա։ Օ՜, գուցեև կա։

― Բավական է։ Ցույց տվեք հապա, թե հատկապես ինչո՞վ եմ ծիծաղելի իմ գրածում։ Ես գիտեմ՝ ինչով, բայց ուզում եմ, որ դուք մատնացույց անեք։ Եվ ասեք ավելի ցինիկաբար, ասեք հենց ձեր համակ անկեղծությամբ, որին ընդունակ եք։ Եվ մի անգամ էլ կրկնեմ, որ ահավոր տարօրինակ մարդ եք դուք։

― Սույն մեծ ապաշխարության ձևի մեջ նույնիսկ ամփոփված է ծիծաղելի մի բան։ Օ՜, մի հավատացեք, թե չեք հաղթելու,― բացականչեց նա հանկարծակի, համարյա թե ցնծագին,― նույնիսկ սույն ձևը կհաղթի (նա ցույց տվեց թերթիկները), եթե միայն անկեղծորեն ընդունեք ապտակ և թուքումուր։ Միշտ ավարտվել է նրանով, որ ամենաանարգ խաչը դարձել է մեծ փառք ու մեծ ուժ, եթե անկեղծ է եղել սխրանքի խոնարհությունը։ Նույնիսկ կարող է ձեր կենդանության օրոք արդեն սփոփված լինեք...

― Ուրեմն, դուք միայն ձևի՞, միայն ոճի՞ մեջ եք գտնում ծիծաղելին,― պնդեց Ստավրոգինը։

― Եվ ըստ էության։ Տգեղությունը կսպանի,― շշնջաց Տիխոնը՝ աչքերը ցած հառելով։

― Ի-ի՞նչ, տգեղությու՞ն, ինչի՞ տգեղությունը։

― Հանցանքի։ Կան հիրավի տգեղ հանցանքներ։ Հանցագործությունների մեջ, ինչպիսին էլ լինեն դրանք, ինչքան ավելի է արյունը, ինչքան ավելի է սարսափը, այնքան ավելի են դրանք տպավորիչ, այսպես ասած, պատկերային։ Սակայն կան հանցագործություններ՝ ամոթաբեր, խայտառակ, ամեն մի սարսափ շրջանցած, այսպես ասած, չափից ավելի ոչ նրբագեղ...

Տիխոնն ասելիքը չավարտեց։

― Ասել է թե,― միջամտեց հուզված Ստավրոգինը,― դուք բավական ծիծաղելի եք գտնում իմ կերպարանքը, երբ ես համբուրում էի անմաքուր աղջնակի ոտքը... և այն ամենը, ինչ ասել եմ իմ բուռն խառնվածքի և... դե, նաև մնացած ամեն ինչի... հասկանում եմ։ Ես ձեզ շատ լավ եմ հասկանում։ Ու դուք հենց այն պատճառով եք հուսալքված ինձնից, որ գեղեցիկ չէ, խորշալի է, չէ, ոչ թե որ խորշալի, այլ ամոթ է, ծիծաղելի, և կարծում եք, որ ավելի շատ հենց դրա՞ն չեմ կարող դիմանալ։

Տիխոնը լռում էր։

― Այո, դուք գիտեք մարդկանց, այսինքն, գիտեք, որ ես, հենց ես չեմ դիմանա... Հասկանում եմ, ինչու հարցրիք Շվեյցարիայի այն օրիորդի մասին, թե որտե՞ղ է արդյոք։

― Պատրաստված չեն, կոփված չեն,― երկչոտ շշնջած Տիխոնը՝ աչքերը ցած հառելով։

― Լսեք, հայր Տիխոն. ես ուզում եմ ներել ինքս ինձ, ահա իմ գլխավոր նպատակը,― հանկարծ ասաց Ստավրոգինը՝ մռայլ զմայլանքն աչքերում։― Ես գիտեմ, որ միայն այդժամ կչքանա տեսիլքը։ Ահա թե ինչի համար եմ փնտրում անսահման տառապանք, ինքս եմ դա փնտրում։ Ուրեմն, մի վախեցրեք ինձ։

― Եթե հավատում եք, թե կարող եք ինքներդ ներել ձեզ և այդ ներումը ձեռք բերել սույն աշխարհում, ապա դուք ամեն ինչի եք հավատում,― ցնծագին բացականչեց Տիխոնը։― Հապա ինչպե՞ս ասացիք, թե Աստծուն չեք հավատում։

Ստավրոգինը չպատասխանեց։

― Անհավատության համար Աստված ձեզ կների, քանզի սուրբ հոգին պատվում եք՝ չիմանալով նրան։

― Ի դեպ, չէ որ Քրիստոսը չի ների,― հարցրեց Ստավրոգինը և նրա հարցի երանգի մեջ հեգնանքի թեթևակի նշույլ կար,― չէ որ ասված է գրքում. «Եթե գայթակղեցնեք այս պստիկներից մեկին», հիշու՞մ եք։ Ըստ Ավետարանի, ավելի մեծ հանցանք չկա ու չի կարող լինել։ Այ, այս գրքում։

Նա ցույց տվեց Ավետարանը։

― Սույնի համար մի ուրախալի լուր ունեմ,― խանդաղատանքով արտաբերեց Տիխոնը,― Քրիստոսը ևս կների, եթե միայն հասնեք նրան, որ ներեք ինքներդ ձեզ։ Օ՜, ոչ, ոչ, մի հավատացեք, ես վատաբանություն ասացի, եթե չհասնեք անգամ ինքներդ ձեզ հետ հաշտության և ինքնաներումի, ապա այդժամ էլ նա կների՝ մտադրության և ձեր մեծ տառապանքի համար... քանզի չկան ոչ բառեր, ոչ մտքեր մարդկային լեզվի մեջ՝ արտահայտելու համար Զոհի բոլոր ուղիներն ու առիթները, «քանի դեռ նրա ուղիները հստակ չեն բացահայտվի մեզ»։ Ով կգրկի անընդգրկելին, ով կճանաչի ամեն ինչը, անվերջանալին։

Նրա շրթունքների անկյունները թրթռացին, ինչպես քիչ առաջ, և հազիվ նկատելի ջղաձգումը նորից անցավ դեմքի վրայով։ Մի պահ շտկվելով, նա արագ իջեցրեց աչքերը։

Ստավրոգինը բազմոցի վրայից վերցրեց շլյապան։

― Ես նորից կգամ երբևիցե,― ասաց նա՝ սաստիկ հոգնած տեսքով,― ձեզ հետ մենք... ես չափազանց եմ գնահատում զրույցի հաճույքը և պատիվը... և ձեր զգացմունքները։ Հավատացեք, ես հասկանում եմ, թե ոմանք ինչու են ձեզ այդքան սիրում։ Խնդրում եմ ձեր աղոթքներն առ նա, ում այդպես սիրում եք...

― Եվ դուք գնու՞մ եք արդեն,― արագ վեր կացավ նաև Տիխոնը՝ կարծես ամենևին չսպասելով նման շուտափույթ հրաժեշտի։― Իսկ ես...― ասես շփոթվեց նա,― ես մի խնդիրք ունեի՝ ձեզ ուղղված, բայց... չգիտեմ ինչպես... ու վախենում եմ հիմա։

― Ահ, պատիվ արեք,― Ստավրոգինն իսկույն նստեց՝ շլյապան բռնած։ Տիխոնը նայեց այդ շլյապային, այդ կեցվածքին, մեկեն աշխարհիկ դարձած այդ մարդու կեցվածքին՝ թե՛ հուզված, թե՛ կիսացնորված, որն իրեն հինգ րոպե էր տվել՝ գործն ավարտելու համար, և ավելի շփոթվեց։

― Իմ ամբողջ խնդրանքն այն է սոսկ, որ դուք... չէ որ արդեն խոստովանում եք, Նիկոլայ Վսեվոլոդովիչ (կարծեմ, այդպե՞ս է ձեր անուն հայրանունը), որ եթե հրապարակեք ձեր թերթիկները, ապա կփչացնեք ձեր ճակատագիրը... օրինակ, կարիերայի իմաստով, և... մնացած ամեն ինչի իմաստով։

― Կարիերա՞,― Նիկոլայ Վսեվոլոդովիչը տհաճությամբ կնճռոտվեց։

― Իսկ ինչի՞ փչացնել։ Ինչի՞ համար է, ասենք, նման անհողդողդությունը,― համարյա խնդրողաբար, սեփական անհմտության հստակ գիտակցումով եզրափակեց Տիխոնը։ Հիվանդագին տպավորություն դաջվեց Նիկոլայ Վսեվոլոդովիչի դեմքին։

― Ես ձեզ արդեն խնդրել եմ, նորից եմ խնդրում, ձեր բոլոր խոսքերն ավելորդ կլինեն... և ընդհանրապես մեր ամբողջ բացատրությունն սկսում է անտանելի դառնալ։

Նա նշանակալի շուռումուռ եկավ բազմոցին։

― Դուք ինձ չեք հասկանում, լսեք և մի բարկացեք։ Իմ կարծիքը դուք գիտեք, ձեր սխրանքը, եթե խոնարհությունից լիներ, քրիստոնեական մեծագույն սխրանք կլիներ, եթե դիմանայիք։ Նույնիսկ եթե չդիմանայիք, միևնույն է, ձեզ նախասկզբնական մատաղ կհամարի Բարձրյալը։ Ամեն ինչ հաշվի կառնվի, ոչ մի բառ, հոգու և ոչ մի թրթիռ, ոչ մի կիսամիտք զուր չեն կորչի։ Բայց այդ սխրանքի փոխարեն ես ձեզ մեկ ուրիշն եմ առաջարկում, դրանից առավել մեծագույն, արդեն անկասկած մեծ մի բան...

Նիկոլայ Վսեվոլոդովիչը լուռ էր։

― Ձեզ պատել է մարտիրոսության և անձնազոհության ցանկությունը։ Հպատակեցրեք և ձեր սույն ցանկությունը, մի կողմ դրեք թերթիկները և ձեր մտադրությունը, և այդժամ արդեն ամեն ինչ կհաղթահարեք։ Ձեր համակ հպարտությունը և ձեր դևին ամոթահար կանեք։ Կավարտեք որպես հաղթող, ազատության կհասնեք...

Նրա աչքերը շողացին, նա աղերսաբար ձեռքերը ծալեց խաչաձև։

― Պարզապես դուք չեք ուզում, որ խայտառակություն լինի և թակարդ եք դնում ինձ, բարեսիրտ հայր Տիխոն,― անփութորեն և բարկությամբ լմլմացրեց Ստավրոգինը՝ տեղից պոկվելով։― Կարճ ասած, ուզում եք, որ ես խելք հավաքեմ, թերևս ամուսնանամ և կյանքս ավարտեմ որպես տեղիս ակումբի անդամ՝ ամեն տոնի գալով ձեր մենաստանը։ Է՜հ, էպիտիմիա։ Որպես սրտագետ, դուք գուցեև կանխազգում եք, որ դա անկասկած այդպես էլ կլինի և ամբողջ խնդիրն այն է, որ ինձ մի լավ համոզեք՝ հանուն կարգի, քանի որ ինքս էլ միայն դրան եմ ծարավի, ճիշտ չէ՞, արդյոք։

Նա բեկբեկուն ծիծաղեց։

― Ոչ, դա այն էպիտիմիան չէ, ես ուրիշ բան եմ պատրաստում,― տաքացած շարունակեց Տիխոնը՝ ուշադրություն իսկ չդարձնելով Ատավրոգինի ծիծաղին ու դիտողությանը։― Ես մի ծեր վանական գիտեմ, ոչ այստեղ, բայց ոչ էլ հեռու, ճգնավոր է ու մենակյաց, և քրիստոնեական իմաստնությամբ, որ ես ու դուք չենք հասկանա նրան։ Նա կլսի իմ խնդրանքը։ Ձեր մասին ամեն ինչ կասեմ նրան։ Գնացեք նրա մոտ՝ ապաշխարության, նրա աջի տակ՝ մի հինգ տարով, յոթը տարով, ինչքան ինքներդ պահանջ կունենաք հետագայում։ Ուխտ առեք ձեզ վրա, և սույն մեծ զոհաբերությամբ ձեռք բերեք այն ամենը, ինչի ծարավի եք և նույնիսկ ինչ չեք էլ սպասում, քանզի հիմա հասկանալ չեք կարող, թե ինչ կստանաք։

Ստավրոգինը լրջությամբ, անգամ շատ լրջորեն լսեց նրա վերջին առաջարկությունը։

― Ուղղակի, դուք ինձ առաջարկում եք որպես վանական ընդունվել այն մենաստա՞նը։ Ինչքան էլ ձեզ հարգեմ, բայց հաստատապես սա պիտի սպասեի։ Էհ, խոստովանեմ ձեզ, որ փոգրոգության պահերին մտքովս նույնիսկ անցել է արդեն, այս թերթիկների համընդհանուր հրապարակումից հետո, մարդկանցից պատսպարվել մենաստանում, թեկուզև ժամանակավորապես։ Բայց որ վանական ձեռնադրվեմ՝ նույնիսկ ամենափոքրոգի վախի պահերին մտքովս չի անցել։

― Ձեզ պետք չէ լինել մենաստանում, պետք չէ ձեռնադրվել, եղեք միայն վանական եղբայր գաղտնի, ոչ բացահայտ, այդպես էլ կարելի է, լրիվ դրսում ապրելով...

― Վերջ տվեք, հայր Տիխոն,― խորշանքով ընդհատեց Ստավրոգինն ու վեր կացավ աթոռից։ Տիխոնը՝ նույնպես։

― Ձեզ ի՞նչ եղավ,― հանկարծակի բղավեց նա՝ համարյա վախեցած զննելով Տիխոնին։ Վերջինս կանգնած էր նրա դիմաց՝ ափերը վեր պարզած ձեռքերով, և հիվանդագին ջղաձգումը, կարծես մեծագույն վախից, ակնթարթորեն անցավ նրա դեմքի վրայով։

― Ձեզ ի՞նչ եղավ։ Ի՞նչ եղավ ձեզ,― կրկնում էր Ստավրոգինը՝ նետվելով նրա կողմը, որ բռնի։ Թվում էր, թե Տիխոնն ընկնելու է։

― Ես տեսնում եմ... տեսնում եմ, ինչպես արթմնի,― բացականչեց Տիխոնը հոգեցունց ձայնով և ամենասաստիկ կսկիծի արտահայտությամբ,― որ դուք, խե՜ղճ, կործանվա՜ծ պատանի, երբեք այսքան մոտ կանգնած չեք եղել ամենաահավոր հանցագործությանը, որքան այս րոպեին։

― Հանգստացեք,― կրկնում էր նրա համար կատարելապես տագնապած Ստավրոգինը,― ես գուցեև դեռ հետագայում... դուք իրավացի եք, գուցեև չեմ դիմանա, չարացած վիճակում նոր հանցանք կգործեմ... այդպես է ամեն ինչ... դուք իրավացի եք, ես կհետաձգեմ։

― Ոչ, ոչ թե հրապարակելուց հետո, այլ մինչև թերթիկների հրապարակումը, գուցեև մեծ քայլից մեկ օր առաջ, մեկ ժամ առաջ, դուք կնետվեք նոր հանցանքի, որպես վախճան ու ելք, միայն որպեսզի խուսափեք թերթիկների հրապարակումից։

Ստավրոգինը նույնիսկ սարսռաց զայրույթից և համարյա թե վախից։

― Նզովվա՜ծ հոգեբան,― մեկեն ընդհատեց նա կատաղած և առանց ետ նայելու՝ դուրս եկավ խցից։



  1. Շատ քիչ (ֆրանս.)։