Ինքնակենսագրություն

Գրապահարան-ից
Ինքնակենսագրություն

հեղինակ՝ Չարլզ Դարվին
թարգմանիչ՝ Ա. Կումկումաջյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Տեսակների Ծագումը»



ՔԵՄԲՐԻՋ (1828—1831 ԹԹ.)։— ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ «ԲԻԳԼ» ՆԱՎՈՎ։ (1831 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ՄԻՆՉԵՎ 1836 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ը)։— ԱՆԳԼԻԱ ՎԵՐԱԴԱՐՁԻՍ ԺԱՄԱՆԱԿԻՑ (1836 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ 2-Ը) ՄԻՆՉԵՎ ԻՄ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆԸ (1839 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ը)։— ԻՄ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ (1839 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 29) ԵՎ UPPER GOWER STREET ՓՈՂՈՑՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԻՑ ՄԻՆՉԵՎ ԼՈՆԴՈՆԻՑ ՄԵԿՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՈՒՆՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԵԼՍ (1842 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ 14)։— ԿՅԱՆՔՍ ԴԱՈՒՆՈԻՄ (1842 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՆԵՐԿԱ ԺԱՄԱՆԱԿԸ (1876 Թ.)։

Գերմանական մի հրատարակիչ դիմեց ինձ՝ խնդրելով կազմել նրա համար իմ մտքի և բնավորության զարգացման ուրվագիծը որոշ ինքնակենսագրական մանրամասնություններով։ Ինձ թվաց, որ այդպիսի փորձը կզբաղեցներ ինձ և գուցե հետաքրքիր կլիներ իմ զավակների կամ թոռների համար։ Գիտեմ, որ ես էլ մեծ հետաքրքրությամբ կկարդայի իմ պապի կյանքի մասին թեկուզ ամենահամառոտ և տաղտկալի ուրվագիծը, որպեսզի ծանոթանայի, թե նա ինչ էր մտածում, ինչ էր անում և ինչպես էր աշխատում։ Ես փորձել եմ իմ մասին պատմել այնպես, որպես թե ես կենդանի չեմ ե իմ անցյալ կյանքի վրա ետ եմ նայում մի այլ աշխարհից։ Եվ չեմ ասի, որ այդ ինձ համար որևէ դժվարություն ներկայացներ, որովհետև իմ կյանքը գրեթե ավարտված է։ Ոճիս մասին հոգ չեմ տարել։

Ես ծնվել եմ Շրուսբերիում 1809 թ. փետրվարի 12-ին և իմ առաջին հիշողությունները սկսվում են այն հասակից, երբ ես չորս տարեկան և մի քանի ամսական էի։ Մենք այդ ժամանակ գնում էինք Աբերջելի մոտ ծովային լողավայրերը, և ես աղոտ հիշողություններ եմ պահել որոշ դիպվածների ու վայրերի մասին, որոնք կապված են այդ ուղևորության հետ։

Իմ մայրը մեռավ 1817 թվականի հուլիսին, երբ ես ութ տարուց մի քիչ ավելի էի, և տարօրինակ է ասել, ես միայն հիշողություններ եմ պահել նրա մահվան մահճի, նրա սև թավիշն զգեստի և արտասովոր աշխատանքային սեղանի մասին։ Նույն տարվա գարնանը ինձ տվեցին երթևեկ աշակերտների համար Շրուսբերիում եղած դպրոցը, որտեղ ես մնացի մեկ տարի։ Ինձ պատմում էին, որ ուսման մեջ ես ետ էի մնում իմ կրտսեր քույր Կատերինայից և, ինձ թվում է, որ շատ տեսակետներից ինձ հնազանդ մանուկ չէին համարում։

Այդ ժամանակին մոտ, երբ ես սկսեցի այդ դպրոցը հաճախել, արդեն պարզորոշ կերպով արտահայտվեց իմ ճաշակը բնապատմության և հատկապես հավաքածուներ հավաքելու նկատմամբ։ Ես աշխատում էի պարզել բույսերի անունները և հավաքում էի ամեն տեսակ բան՝ խեցիներ, դրոշմներ, դրամներ և հանքաքարեր։ Հավաքածուներ կազմելու տենչը, որը մարդուն դարձնում է բնախույզ-կարգաբան, սիրող կամ ժլատ, իմ մեջ շատ ուժեղ էր և, ըստ երևույթին, բնածին, որովհետև ոչ իմ քույրերը, ոչ եղբայրս դրանով աչքի չէին ընկնում։

Մի դեպք, որը վերաբերում է այդ ժամանակին, ամուր կերպով տպավորվել է իմ հիշողության մեջ, կուզենայի կարծել, այն պատճառով, որ հետագայում երկար ժամանակ այն տանջում էր իմ խիղճը։ Այդ դեպքը հետաքրքրական է որպես ցուցում, որ, ըստ երևույթին, արդեն այդ վաղ հասակումս ինձ հետաքրքրում էր բույսերի փոփոխականության հարցը։ Ես հավատացնում էի մի ուրիշ տղայի (կարծեմ Լեյտոնին, որը հետագայում դարձավ հայտնի բուսաբան-լիխենոլոգ), որ ես կարող եմ աճեցնել զանազան գույնի բրաբիոններ և գինարբուկներ, ջրելով նրանց գունավոր հեղուկներով։ Իհարկե դա ահռելի հեքիաթ էր, և ես իրականում երբեք ոչ մի փորձ չեմ կատարել։ Քանի որ արդեն խոսք է բացվել այդ մասին, ես պետք է խոստովանեմ, որ մանուկ հասակում հաճախ գիտակցաբար հնարում էի ստահոդ պատմություններ, բացառապես զարմացնելու ցանկությունից դրդված։ Այսպես, մի անգամ հորս ծառերից ես պոկեցի ընտրովի շատ պտուղներ, թաքցրի թփերի մեջ և գլխապատառ վազեցի բոլորին հայտարարելու, որ գողացված պտուղների ամբողջ պահեստ եմ գտել։

Հավանորեն ես դեռ արտասովոր պարզամիտ էի, երբ դպրոց ընդունվեցի։ Մի տղա, նրան Գարնետ էին անվանում, մի անգամ ինձ հետ մտնելով հրուշակեղենի խանութը, գնեց կարկանդակներ, որոնց համար ոչինչ չվճարեց, որովհետև խանութպանը հավանորեն նրան ապառիկ էր բաց թողնում։ Դուրս գալով խանութից, ես հարցրի նրան, թե նա ինչու չվճարեց, որին նա իսկույն պատասխանեց. «Միթե՞ դու չգիտես, որ իմ հորեղբայրը քաղաքին մեծ գումար է կտակել այն պայմանով, որ յուրաքանչյուր առևտրական պետք է ձրիաբար բաց թողնի իր ապրանքը ամեն մեկին, ով որ կներկայանա հորեղբորս հին գլխարկով և ձեռքը կկպցնի նրան որոշ ձևով»— ընդ սմին նա արեց պայմանական նշանը։ Դրանից հետո նա մտավ մի ուրիշ խանութ, որտեղ նրան, ըստ երևույթին, նույնպես հավատում էին, և գնելով ինչ որ մանրունք, նշված ձևով ձեռքը կպցրեց գլխարկին և դուրս եկավ առանց վճարելու։ Երբ մենք դուրս եկանք փողոց, նա ինձ ասաց. «Եթե դու ուզում ես քեզ համար կարկանդակներ վերցնել այ այն խանութում (ինչպես լավ եմ հիշում այն մինչև հիմա), ես կտամ քեզ իմ գլխարկը, իսկ դու միայն ձեռքդ կպցրու նրան, ինչպես որ քեզ ցույց տվեցի»։ Ես ուրախությամբ ընդունեցի մեծահոգի առաջարկը, մտա խանութ, վերցրի կարկանդակներ և, ձեռքս դիպցնելով հին գլխարկին, ուղղվեցի դեպի ելքը, երբ հանկարծ խանութպանը վազեց հետևիցս։ Ես նետեցի կարկանդակները և դիմեցի փախուստի, բոլորովին շփոթված իմ նենգ ընկերոջ՝ Գարնետի բարձր հռհռոցից։

Իմ մասին որպես գովասանք պետք է ասեմ, որ դեռ տղայական հասակում ես գթասիրտ էի, մարդասեր, սակայն դրա համար բացառապես պարտական եմ քույրերիս խրատներին և օրինակին։ Ես ընդհանրապես կասկածում եմ այն բանում, որ մարդասիրությունը բնական, բնածին, զգացմունք է։ Ես շատ սիրում էի ձվեր հավաքել, բայց երբեք մեկ ձվից ավելի չէի վերցնում բնից, բացառությամբ մեկ դեպքի, երբ վերցրի բոլորը, և այն էլ ոչ շահամոլական նպատակով, այլ սնապարծության պատճառով։

Ես շատ էի սիրում ձուկ որսալ և կարող էի ժամերով նստել գետակի կամ լճակի ափին՝ հետևելով լողանին։ Երբ ես հյուր էի Մերում[1], ինձ սովորեցրին, որ որդերին կարելի է սպանել աղի ջրով և այդ ժամանակից սկսած, թեև հավանաբար ի վնաս ինձ, ես երբեք կենդանի որդ չեմ անցկացրել կարթի վրա։

Մեկ անգամ երեխա հասակումս, դպրոցական տարիներին, կամ նույնիսկ մինչև դպրոց մտնելս, ես դաժանորեն վարվեցի՝ ծեծեցի մի շնիկի, ինչպես ինձ թվում է, միայն բավականության համար իմ իշխանությունը նրա վրա ցույց տալով։ Բայց նրան շատ ուժգին չծեծեցի, որովհետև նա չէր վնգստում, դրանում ես վստահ եմ, քանի որ այդ տեղի ունեցավ տնից ոչ հեռու։ Բայց այդ արարքս ծանր կերպով ճնշում էր խիղճս, որը եզրակացնում եմ այն փաստից, որ մինչև հիմա շատ լավ հիշում եմ հանցագործությանս տեղը։ Խղճի այդ խայթը ինձ համար երևի ավելի ևս ծանր էր, քանի որ ես թե այն ժամանակ և թե դրանից հետո երկար ժամանակ մոլի կերպով սիրում էի շներին։ Ըստ երևույթին, շներն էլ կռահում էին այդ, որովհետև ինձ միշտ հաջողվում էր գրավել նրանց համակրանքը՝ ի վնաս տերերի նկատմամբ շների ունեցած համակրանքի։

Պարզ կերպով հիշում եմ էլի մի դիպված, որ վերաբերում է միստր Կեյզի երթևեկ աշակերտների դպրոցում իմ մնալու տարվան, այն է՝ մի դրագունի թաղումը։ Ինչպես հիմա տեսնում եմ ձին, որի թամբից կախված էին կարաբինը և երկու կողմից ճոճվող դատարկ կոշիկները, և լսում եմ հրաձգությունը գերեզմանի վրա։ Այդ պատկերը խորապես հուզեց բանաստեղծական երևակայությունս, որը ինձ հատուկ էր այն ժամանակ։

1818 թվականի ամառը ինձ ուղարկեցին դոկտոր Բուտլերի մեծ դպրոցը Շրուսբերիում. այնտեղ ես մնացի մինչև 1825 թվականի ամառը, երբ լրացավ իմ տասնվեց տարին։ Ես գիշերօթիկ էի, այնպես որ օգտվում էի իսկական դպրոցականի կյանքի բոլոր մեծ առավելություններից։ Բայց որովհետև մեր տունը դպրոցից մոտավորապես մեկ մղոն հեռավորության վրա էր, ուստի ես հաճախ վազում էի տուն անվանականչերի միջև ընկած մեծ ընդմիջումներին և դպրոցը գիշերը փակելուց առաջ։ Դա ինձ համար ուներ այն կարևոր նշանակությունը, որ ես չէի խզում ընտանեկան կապերս ու հետաքրքրությունս։ Հիշում եմ, որ իմ դպրոցական կյանքի սկզբին ես հաճախ ստիպված էի շատ արագ վազել, որպեսզի չուշանամ, և որովհետև աչքի էի ընկնում այդ վարպետությամբ, ուստի սովորաբար ինձ հաջողվում էր չուշանալ, բայց երբ ինձ պաշարում էր կասկածը, ես ջերմեռանդորեն օգնություն էի աղերսում աստծուց, և շատ լավ հիշում եմ, որ հաջողությունս վերագրում էի ոչ թե վազքիս արագությանը, այլ աղոթքիս, և զարմանում էի այն բանի վրա, թե աստված որքան հաճախ է օգնում ինձ։

Լսել եմ իմ հորիցս և ավագ քրոջիցս, որ, երբ ես դեռ շատ փոքր տղա էի, սիրում էի միայնակ երկարատև զբոսանքներ, բայց ես ինքս ինչի մասին էի խորհում այդ զբոսանքների ժամանակ, չեմ կարողանում հիշել։ Հաճախ ես բոլորովին խորասուզվում էի իմ մտքերի մեջ, և մի անգամ, երբ դպրոց էի վերադառնում չցանկապատված շավիղով, որը անցնում էր Շրուսբերիի հին ամրությունների վրայով, սայթաքեցի և ընկա ցած, սակայն բարձրությունը յոթ կամ ութ ոտնաչափից ավելի չէր։ Այնուամենայնիվ, այդ հանկարծական, անսպասելի անկման պահին, իմ գլխում ծագած մտքերի շարանը ապշեցուցիչ է և, թվում է, հազիվ թե համատեղելի է ֆիզիոլոգների կողմից ապացուցված այն փաստի հետ, որ յուրաքանչյուր մտքի համար պահանջվում է չափելի ժամանակամիջոց։

Ոչ մի բան չէր կարող ավելի վատ ազդեցություն ունենալ իմ մտքի զարգացման վրա, քան դոկտոր Բուտլերի այդ դպրոցը։ Դասավանդումը այնտեղ խիստ կլասիկական էր, և բացի հին լեզուներից դասավանդվում էին փոքր չափով հին աշխարհագրություն և պատմություն։ Դպրոցը որպես դաստիարակչական միջոց իմ կյանքում դատարկ տեղ էր։ Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես չկարողացա տիրապետել ոչ մի օտար լեզու։ Առանձին ուշադրություն էր դարձվում ոտանավորներ հորինելուն, իսկ ինձ այդ երբեք չէր հաջողվում։ Ես ունեի շատ ընկերներ և հավաքել էի հին ոտանավորների լավ հավաքածու, դրանից կտորներ համակցելով, երբեմն ընկերներիս օգնությամբ, ես կարողանում էի գրել ուզած նյութի մասին։ Շատ ուշադրություն էր դարձվում նաև երեկվա դասերը անգիր սերտելու վրա։ Դա հեշտ էր հաջողվում ինձ, ես կարողանում էի սերտել Վիրգիլիոսից կամ Հոմերոսից քառասուն կամ հիսուն տող առավոտյան ժամերգության ժամանակ՝ եկեղեցում։ Բայց այդ վարժությունը միանգամայն ապարդյուն էր, որովհետև ոչ մի ոտանավոր քառասուն և ութ ժամից ավելի չէր մնում հիշողությանս մեջ։ Ես չէի ծուլանում և, չհաշված ոտանավորների հորինումը, բարեխղճորեն աշխատում էի իմ կլասիկների վրա՝ չօգտվելով տողատակի թարգմանություններից։

Միակ բավականությունը ես ստացել եմ Հորացիոսի որոշ ներբողներն ընթերցելուց, որոնցով ես անկեղծորեն հիանում էի։

Թողնելով դպրոցը, ես իմ տարիքի համար ոչ շատ լավ, ոչ էլ վատ աշակերտներից էի։ Ես կարծում եմ, թե իմ բոլոր ուսուցիչները և թե հայրս ինձ համարում էին շատ սովորական տղա, թերևս նույնիսկ ընդհանուր միջին մակարդակից ցածր կանգնած։ Հիշում եմ, թե մի անգամ ինչպես ինձ խոցեցին հորս խոսքերը. «Դու միայն մտածում ես որսորդության, շների և մեծամուկ որսալու մասին և կխայտառակես քեզ և մեր ամբողջ ընտանիքը»։ Բայց իմ հայրը, ըստ էության ամենաբարի մարդը, որին ես սիրում էի ամբողջ հոգով, այդ ասելիս հավանորեն բարկացած էր մի բանի վրա և, այդ խոսքերն արտասանելով, իրավացի չէր իմ նկատմամբ։

Ետ նայելով և խոսելով դպրոցական տարիների իմ բնավորության գծերի մասին, որքան ես կարող եմ այն վերականգնել հիշողությանս մեջ, ես կարծում եմ, որ իմ միակ հատկությունները, որոնք հույս էին տալիս որևէ չավ բանի նկատմամբ ապագայում, հետևյալներն էին՝ խիստ արտահայտված և բազմազան ճաշակներս, եռանդուն վերաբերմունք դեպի այն, ինչ հետաքրքրում էր ինձ, և բավականության զգացմունք, երբ ինձ հաջողվում էր հասկանալ որևէ բարդ նյութ։ Էվկլիդը սովորեցի մասնավոր ուսուցչի մոտ և ես լավ հիշում եմ այն մեծ բավարարությունը, որ զգում էի, ծանոթանալով երկրաչափական պարզորոշ ապացույցներին։ Հիշում եմ նաև իմ հիացմունքը, երբ իմ քեռին (Ֆրենսիս Հալտոնի հայրը) բացատրեց ինձ նոնիուսի գործածությունը ծանրաչափի հետ։ Ինչ վերաբերում է գիտական պարապմունքներից զատ իմ ճաշակներին, ապա սիրում էի կարդալ զանազան գրքեր և ժամերով ընթերցում էի Շեքսպիրի պատմական դրամաները՝ նստելով դպրոցի պատուհանի խոր որմնախորշում։ Ես կարդում էի նաև այլ բանաստեղծների՝ Թոմսոնի «Տարվա եղանակները» և Բայրոնի ու Վալտեր-Սկոտտի դեռ նոր հրատարակված պոեմները։ Այդ մասին հիշատակում եմ այն պատճառով, որ հետագա տարիներում, շատ ափսոս, կորցրի ճաշակս ամեն տեսակի, ներառյալ նաև Շեքսպիրի պոեզիայի նկատմամբ։ Պոեզիայից ստացած բավականությանս մասին խոսելու կապակցությամբ ես կարող եմ ավելացնել, որ 1822 թ. Ուելսին սահմանակից վայրերում, ձիով ճանապարհորդելու ժամանակ, իմ մեջ առաջին անգամ արթնացավ բնության պատկերներով հրճվելու ընդունակությունը, և այդ հաճույքն ընկալելու ընդունակությունը իմ մեջ պահպանվեց ավելի երկար, քան մյուս էսթետիկական զգացմունքները։

Այդ դպրոցական տարիներում շատ վաղ կարդացի իմ մի ընկերոջ պատկանող «Տիեզերքի հրաշալիքները» հատորը և հաճախ մյուս տղաների հետ վիճաբանության մեջ էի մտնում այդ գրքի հաղորդած տեղեկությունների ճշտության վերաբերմամբ։ Ես կարծում եմ, այդ գիրքը հենց առաջին անգամ իմ մեջ ցանկություն առաջացրեց մեկնել հեռավոր երկրներ, որը վերջապես իրականացավ «Բիգլ»-ով իմ ճանապարհորդության ժամանակ։ Իմ դպրոցական կյանքի վերջին տարիներին ես դարձա հրացանային որսորդության մոլի սիրահար, ես կարծում եմ, որ շատ քչերն են վառվել այնպիսի եռանդով և ավելի սուրբ գործի համար, քան ես՝ թռչուններ սպանելու այդ վարպետության համար։ Ինչպես պարզ հիշում եմ առաջին սպանածս կտցարին. ես այնպիսի հուզված վիճակում էի, որ չէի կարողանում հրացանս նորից լցնել այնպես դողդողում էին ձեռքերս։ Այդ մոլությունս բավական երկար տևեց, և ես դարձա լավ հրացանաձիգ։ Ավելի ուշ, Քեմբրիջում, ես վարժվում էի այն բանում, որ հայելու առաջ նշան էի բռնում, որպեսզի համոզվեմ, արդյոք ճիշտ եմ նշան բռնել։ Մի ուրիշ ձևն այն էր, որ անգնդակ լիցով կրակում էի մոմի վրա, որը տարուբերում էր ընկերս, եթե նշանը ճիշտ էր բռնված, ապա օդի հոսանքը հանգցնում էր մոմը։ Հրապարկուճների ճայթյունը իր վրա էր գրավել դաստիարակի ուշադրությունը, որը մի քանի անգամ նկատել էր. «Տարօրինակ բան է, միստր Դարվինը ամբողջ ժամերով խարազան է չրխկացնում իր սենյակում, ես հաճախ լսում եմ չրխկոց, երբ անցնում եմ նրա պատուհանների մոտով»։

Դպրոցական ընկերներիս մեջ ես ունեի շատ բարեկամներ, որոնց ես ջերմորեն սիրում էի. ընդհանրապես ես կարծում եմ, որ այն ժամանակ ես շատ հեշտությամբ էի մտերմանում մարդկանց հետ։

Ինչ վերաբերում է գիտությանը, ապա ես շարունակում էի մեծ եռանդով հավաքել հանքաքարեր, բայց առանց որևէ գիտական իմաստի՝ ես հոգ էի տանում միայն նոր անունով հանքաքարերի մասին և նույնիսկ դրանք դասակարգելու փորձ չէի անում։ Միջատներին, հավանաբար, որոշ ուշադրությամբ էի զննում, որովհետև դեռ տասնամյա հասակում (1819 թ.) Պլաս-Էդվորդում, Ուելսում ծովափին երեք շաբաթ մնալու ժամանակ ես շատ հետաքրքրված ու զարմացած էի, տեսնելով մի խոշոր սևակարմիր կիսակարծրաթև, մի քանի թիթեռներ (Zygaena) և մեկ Cicindela, որոնք Շրոպշիրում չեն հանդիպում։ Ես համարյա որոշեցի հավաքել բոլոր միջատները, որոնք ինձ կհաջողվի գտնել մեռած վիճակում, որովհետև քրոջս հետ խորհրդակցելուց հետո եկա այն եզրակացության, որ լավ չէ միջատներին սպանել կոլեկցիա կազմելու համար։ Կարդալով Ուայտի «Սելբորն» գիրքը, ես սկսեցի հաճույքով հետևել թռչունների կենսակերպին և նույնիսկ անում էի իմ գրանցումները։ Իմ պարզությամբ ես զարմանում էի, թե ինչու յուրաքանչյուր ջենտլմեն չի դառնում թռչնաբան։

Իմ դպրոցական կյանքի վերջում եղբայրս տարվել էր քիմիայով և այգեգործական գործիքների նկուղում սարքել էր ինքնարար ապարատներով մի կարգին լաբորատորիա, նա թույլ էր տալիս ինձ սպասավորել իրեն փորձերի ժամանակ։ Նա պատրաստում էր զանազան գազեր և որոշ բարդ միացություններ, և ես ուշադրությամբ կարդացի մի քանի գրքեր քիմիայի մասին, ինչպես, օրինակ, Հենրիի և Պարզեսի «Քիմիական կատեխիզիսը»։ Ես շատ հետաքրքրվեցի այդ առարկայով, և հաճախ մեր աշխատանքները տևում էին մինչև ուշ գիշեր։ Այդ պարապմունքները ունեցան ավելի խոր կրթական նշանակություն, քան իմ դպրոցական տարիներում ամբողջ սովորածս։ Նրանք գործնականում ինձ ծանոթացրին փորձնական գիտության նշանակությանը։ Լուրը, որ մենք պարապում ենք քիմիայով, հասել էր դպրոց, և որովհետև դա չտեսնված բան էր, ինձ անվանեցին «Գազ»։ Մի անգամ դոկտոր Բուտլերը բոլորի ներկայությամբ ինձ նկատողություն արեց ժամանակի այդպիսի անօգուտ վատնումի համար. ընդ որում նա բոլորովին անարդարացիորեն ինձ անվանեց «poco curante»[2], և որովհետև ես չէի հասկանում, թե այդ ինչ է նշանակում, ուստի ես կարծեցի, որ երևի շատ վիրավորական մի բան է։

Քանի որ դպրոցում իմ մնալուց ոչ մի օգուտ չկար, ուստի հայրս շատ խոհեմաբար վարվեց, վերցնելով ինձ այդտեղից սովորական ժամկետից ավելի վաղ և ուղարկելով (1825 թ. հոկտեմբերին) եղբորս հետ միասին Էդինբուրգի համալսարանը։ Այնտեղ ես մնացի երկու տարի։ Եղբայրս վերջացրեց իր պարապմունքները բժշկականությունից, թեև ես կասկածում եմ, որ նա երբևիցե մտադրություն ուներ պրակտիկայով զբաղվելու. իսկ ինձ ուղարկել էին նոր սկսելու դրանք։ Շուտով, զանազան մանր հանգամանքների հիման վրա, ես համոզվեցի, որ հայրս կթողնի ինձ անկարիք ապրուստի համար բավականաչափ կարողություն, թեև ես երբեք չէի պատկերացնում, որ կդառնամ այնպես հարուստ, ինչպես եմ այժմ. այդ վստահությունը բավական էր, որպեսզի իմ մեջ հանգչեր բժշկականություն ուսումնասիրելու եռանդը։

Էդինբուրգում ուսուցումը սահմանափակվում էր բացառապես դասախոսություններով, իսկ նրանք անտանելի տաղտկալի էին՝ բացառությամբ Հոպի քիմիայի դասախոսությունների։ Իմ կարծիքով՝, դասախոսությունները շատ տեսակետներից ավելի պակաս օգտակար են, քան ընթերցանությունը, և նրա համեմատությամբ ոչ մի առավելություն չունեն։ Ես ուղղակի սարսափով եմ հիշում դոկտոր Դունկանի դասախոսությունները Materia Medica-ի մասին[3], որ նա կարդում էր ձմեռը առավոտյան ժամի 8-ից։ Դոկտոր X-ի դասախոսությունները մարդու անատոմիայի մասին նույնքան ձանձրալի էին, որքան նա ինքը, և ես զզվանքով համակվեցի դեպի այդ առարկան։ Հետագայում ես շատ անգամ էի ափսոսում, որ ինձ չէին դրդում զբաղվելու դիահատումով, ես շուտ կհաղթահարեի իմ զզվանքը, իսկ ձեռք բերված փորձառությունը հետագայում անգնահատելի ծառայություն կմատուցեր ինձ։ Այդ անուղղելի չարիք եղավ, ինչպես նաև նկարելու շնորհք չունենալս։ Ես կանոնավոր կերպով հաճախում էի կլինիկաները։ Որոշ դեպքեր ինձ վրա ցնցող տպավորություն են թողել, նրանց պատկերը մինչև այժմ կանգնած է աչքիս առջև. բայց ես այնքան հիմար չէի, որ դրա պատճառով խույս տայի կլինիկական պրակտիկայից։ Զարմանում եմ, թե ինչու բժշկական պարապմունքներիս այդ մասը ինձ քիչ հետաքրքրեց, որովհետև վերջին ամառը, մինչև Էդինբուրգ ուղևորվելս, ես արդեն սկսել էի Շրուսբերիում այցելել մի քանի աղքատ ընտանիքների, գլխավորապես կանանց և երեխաների։ Ես գրում էի հնարավորին չափ լրիվ հաշվետվություն յուրաքանչյուր դեպքի մասին բոլոր ախտանշաններով հանդերձ և կարդում էի հորս մոտ, որը ինձ մատնացույց էր անում նոր հետազոտությունների վրա և խորհուրդ էր տալիս դեղերի մասին, որոնք ես ինքս էի պատրաստում։ Մի ժամանակ ես ունեի մինչև տասներկու պացիենտ։ Հայրս, որը կարողանում էր ճանաչել մարդկանց բնավորությունը ավելի լավ, քան կյանքումս հանդիպածներից որևէ մեկը, ասում էր, որ ինձանից լավ բժիշկ դուրս կգար, դրանով հասկանալով այնպիսի բժիշկ, որը շատ պացիենտներ կունենար։ Նա միշտ պնդում էր, որ հաջողության գլխավոր պայմանը դեպի իրեն վստահություն ներշնչել կարողանալն է, սակայն ես չգիտեմ, թե նա ինչ այնպիսի բան էր տեսել իմ մեջ, որը կարող էր վստահություն ներշնչել։ Ես երկու անգամ Էդինբուրգի հոսպիտալում ներկա եղա շատ վտանգավոր վիրահատումների, որոնցից մեկը երեխայի վրա, բայց ամեն անգամ փախչում էի, չսպասելով վերջանալուն։ Այլևս ես երբեք չէի գնում, և ոչ մի բանով չէր կարելի ինձ գրավել. այդ պատահեց քլորոֆորմի օրհնյալ օրերից շատ առաջ։ Տեսածս երկու դեպքը ամբողջ տարիներ ինձ հետապնդում էին։

Եղբայրս միայն մեկ տարի մնաց համալսարանում, այնպես որ երկրորդ տարին ես թողնված էի իմ սեփական խնամքին, որը, անկասկած, ուներ իր օգտակար կողմը։ Այդ ժամանակ ես մտերմացա մի քանի երիտասարդների հետ, որոնք հափշտակությամբ զբաղվում էին բնական գիտություններով։ Նրանցից մեկն էր Էնսվորդը, որ հետագայում հրապարակեց Ասորեստանում կատարած իր ճանապարհորդությունները. նա Վերների երկրաբանական տեսությունների ջերմ կողմնակից էր և ամենաբազմազան հարցերի մասին ուներ որոշ գիտելիքներ։ Բոլորովին այլ բնավորությամբ էր աչքի ընկնում դոկտոր Կոլդստրիմը. քաղաքավարի և նազկտան, խորապես կրոնասեր ու բարեսիրտ էր նա հետագայում նա հրատարակեց կենդանաբանական մի քանի լավ աշխատանքներ։ Իմ երրորդ ընկերը Հարդին էր։ Ես կարծում եմ, նրանից լավ բուսաբան դուրս կգար, բայց շուտ մեռավ Հնդկաստանում։ Վերջապես, վերջինն էր Գրանտը. նա մի քանի տարով ինձանից մեծ էր, չեմ էլ հիշում թե ինչպես ես նրա հետ ծանոթացա։ Նա հրատարակեց մի քանի հիանալի կենդանաբանական աշխատանքներ, բայց Լոնդոն գալուց հետո դառնալով համալսարանական կոլեջի պրոֆեսոր, դադարեց գիտությամբ զբաղվելուց, որը ես երբեք չեմ կարողացել ինձ բացատրել։ Ես լավ գիտեի նրան, չորության և ֆորմալիզմի արտաքին կեղևի տակ նրա մեջ թաքնված էր իսկական էնտուզիաստը։ Մեր զբոսանքներից մեկի ժամանակ նա հիացմունքով սկսեց խոսել Լամարկի և նրա էվոլյուցիոն հայացքների մասին։ Ես նրան լսեցի լուռ զարմանքով, բայց, ինչպես ինձ թվում է, նրա խոսքերն ինձ վրա ոչ մի տպավորություն չգործեցին։ Դեռ առաջ ես կարդացել էի պապիս «Զոոնոմիա»-ն, որտեղ զարգացվում են նման տեսակետներ, բայց նրանք էլ ինձ վրա ոչ մի տպավորություն չգործեցին։ Այնուամենայնիվ, հավանորեն այն հանգամանքը, որ դեռ պատանեկությունից սովոր էի լսելու, թե ինչպես պաշտպանում և հավանություն էին տալիս այդ տեսակի հիպոթեզներին, օգնեց ինձ պաշտպանելու դրանք, թեև այլ ձևով, իմ «Տեսակների ծագում»-ում։ Կյանքիս այդ ժամանակաշրջանում ես հիանում էի «Զոոնոմիա»-յով, բայց տասը կամ տասնհինգ տարի հետո երկրորդ անգամ կարդալով այն՝ ես շատ հիասթափվեցի, որովհետև նրանում շատ մեծ է անհամապատասխանությունը զուտ հայեցական կողմի և փաստերի միջև։

Գրանտը և Կոլդստրիմը շատ էին զբաղվում ծովային կենդանիներով, և ես հաճախ օգնում էի նրանցից առաջինին հավաքելու տեղատվությունից հետո լճակներում մնացած կենդանիները և ինքս, ինչքան որ կարողանում էի, ուսումնասիրում էի նրանց անատոմիան։ Ես բարեկամացա նաև Նյու-Խեյվենցի մի քանի ձկնորսների հետ, նրանց հետ ուղևորվում էի ոստրեներ որսալու և այս միջոցով հավաքեցի բավական լավ հավաքածու։ Սակայն, ծովային կենդանիների հետազոտման եղանակներին գործնականորեն ծանոթ չլինելով և միայն մի վատ մանրադիտակ ունենալով, այդ պարապմունքներից շատ քիչ բան ստացա։ Այնուամենայնիվ, ես արեցի մի հետաքրքիր փոքրիկ հայտնագործում և 1826 թվականի սկզբին Պլինիոսյան («Plinian Society») ընկերությունում համառոտ հաղորդում կարդացի դրա մասին։ Հաղորդումը վերաբերում էր Flustra-ի այսպես կոչված ձվերին, որոնք ընդունակություն ունեն թարթիչների օգնությամբ շարժվելու, իրականում պարզվեց, որ դրանք թրթուրներ էին։ Մի այլ համառոտ հոդվածում ես ցույց տվեցի, որ գնդաձև մարմինները, որոնք Fucus loreus-ի երիտասարդ ստադիաներն էին համարվում, ներկայացնում են Pontobdella muricata որդի ձվերի թաղանթները։

Պրոֆեսոր Ջեմսոնի հովանավորությունը վայելող և, կարծում եմ, նրա հիմնած Պլինիուսյան ընկերությունը կազմված էր ուսանողներից և հավաքվում էր համալսարանի նկուղահարկի սենյակում՝ բնական գիտությունների վերաբերյալ աշխատություններ լսելու և քննարկելու համար։ Ես ճշտապահորեն հաճախում էի նիստերը և նրանք օգտակար ազդեցություն գործեցին՝ հրահրելով իմ եռանդը դեպի գիտություն և մեծացնելով միանման հետաքրքրություն ունեցող ընկերների շրջանակը։ Հիշում եմ, թե ինչպես մի երիտասարդ, տեղից վեր կենալով և մի քանի րոպե ի վիճակի չլինելով զսպել իր կակազումը, վերջապես, մինչև ականջները կարմրելով, փնթփնթաց. «Պարոն նախագահ, ես մոռացա, թե ինչ էի ուզում ասել»։ Խեղճը բոլորովին ճնշված էր իր անհաջողությունից, իսկ մենք բոլորս այնպես շփոթված էինք, որ ոչ ոք չկարողացավ փրկել նրան ծանր դրությունից։ Մեր ընկերությունում ընթերցվող հաղորդումները չէին հրատարակվում, այնպես որ ես բավականություն չունեցա տեսնելու իմ աշխատանքը մամուլում, բայց, կարծեմ, Գրանտը հիշատակել է իմ փոքրիկ հայտնագործության մասին Flustra-ին վերաբերյալ իր հիանալի ուսումնասիրության մեջ։

Ես նաև Թագավորական բժշկական ընկերության անդամ էի և բավական ճշտապահորեն հաճախում էի նրա նիստերը, բայց որովհետև հաղորդումները վերաբերում էին բացառապես բժշկական հարցերին, ուստի ես նրանցով չէի հետաքրքրվում։ Այնտեղ շատ դատարկ բաներ էին խոսում, բայց շատերը կարողանում էին լավ խոսել, հատկապես ներկայումս հայտնի սըր Ջ. Կեյ-Շուտլեվորտը։ Երբեմն Գրանտը ինձ հրավիրում էր Վերներյան ընկերության նիստերին, որտեղ բնական գիտություններից արվում էին զանազան հաղորդումներ, որոնք հետո տպագրվում էին «Աշխատություններում»։ Ես այնտեղ մեկ անգամ լսել եմ Օդյուբոնին, որը խոսում էր հյուսիս-ամերիկյան թռչունների կենսակերպի մասին և բավական անարդարացիորեն ծիծաղում էր Ուոտերտոնի վրա։ Ի դեպ ասած՝ Էդինբուրգում այդ ժամանակ ապրում էր Ուոտերտոնի հետ ճանապարհորդող մի նեգր, նա իր ապրուստը վաստակում էր թռչունների խրտվիլակներ լցնելով, որը անում էր շատ հմտորեն։ Ես նրանից վճարովի դասեր էի վերցնում և բավականությամբ երկար նստում էի նրա մոտ, որովհետև նա շատ հաճելի և կրթված մարդ էր։

Միստեր Լեոնարդ Հորները մի անգամ ինձ հրավիրեց Էդինբուրգի թագավորական ընկերության նիստին։ Այդ անգամ նախագահում էր Վալտեր Սկոտտը. նա ներկաներին խնդրում էր հավատալ իրեն, որ ինքն իրեն անարժան է զգում գրավելու այդպիսի բարձր տեղ։ Ես նրա վրա և ամբողջ տեղի ունեցածի վրա նայում էի խորին հարգանքով և ինչ որ սրբազան երկյուղածությամբ և կարծում եմ, որ հատկապես այդ նիստին, ինչպես նաև Թագավորական բժշկականության ընկերության հաճախումներին եմ պարտական նրանով, որ մի քանի տարի առաջ այդ ընկերությունների պատվավոր անդամ ընտրված լինելով, այդ պատիվը ավելի բարձր գնահատեցի, քան նման բոլոր մեծարանքները։ Եթե ինձ այն ժամանակ որևէ մեկն ասեր, որ ապագայում ես կարժանանամ այդպիսի պատվի, ապա ես կծիծաղեի, միևնույնն է, թե ինձ ասեին, որ ինձ կարող են անգլիական թագավոր ընտրել։

Էդինբուրգում մնալուս երկրորդ տարին ես կենդանաբանությունից և երկրաբանությունից դասախոսություններ էի լսում, բայց նրանք անչափ ձանձրալի էին։ Նրանց միակ արդյունքն այն էր, որ ինքս ինձ խոստում տվի՝ այլևս երբեք ձեռքս չվերցնել երկրաբանության վերաբերյալ գրքեր և ընդհանրապես չզբաղվել այդ գիտությամբ։ Բայց և այնպես ես հավատացած եմ, որ բավականաչափ նախապատրաստված էի, որպեսզի փիլիսոփայական մեկնաբանություն մտցնեմ այդ առարկայի ուսումնասիրության մեջ։ Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես դրանից դեռ երկու կամ երեք տարի առաջ մի ծերունի շրոպշիրցի միստր Կոտտոնը, որը բավական լավ ծանոթ էր լեռնային ապարներին, իմ ուշադրությունը ուղղելով Շրուսբերիում «զանգ-քար» անունով հայտնի հածական մեծ գլաքարի վրա, ինձ ասաց, որ ընդհուպ մինչև Կումբելանդ կամ Շոտլանդիա այդպիսի ապար չի գտնվի, և ավելացրեց, որ մարդիկ մինչև աշխարհի վերջը չեն բացատրի, թե ինչպես է ընկել այդ քարն այդտեղ, որտեղ նա այժմ գտնվում է։ Այդ միտքը ինձ խորապես զարմացրեց, և ես երկար ժամանակ մտածում էի այդ զարմանալի քարի վրա։ Իսկ դրա փոխարեն ինչպիսի հիացմունքով ես առաջին անգամ կարդացի սառույցների միջոցով գլաքարերի տեղափոխման մասին և ինչպես էի հպարտանում երկրաբանության հաջողություններով։ Չնայած այն բանին, որ ես այժմ ընդամենը վաթսունյոթ տարեկան եմ, ինձ վիճակվել է լսել, թե ինչպես մի պրոֆեսոր Սալիսբերի-Կրեգսում էքսկուրսիայի ժամանակ խոսելով նշաձև եզրագծերով և չորս կողմից պնդացած շերտերով լավայի երակի մասին, պնդում էր, որ դա վերևից թափանցած նստվածքներով լցված ճեղքվածք է, առանց հաշվի առնելու այն, որ հրաբխային ապարները ամեն կողմից շրջապատում էին մեզ. ընդ որում նա հեգնում էր այն մարդկանց, որոնք կարծել են, որ այդ երակը կարող էր գոյանալ ներքևից լցված հալած զանգվածից։ Երբ հիշում եմ այդ դասախոսությունը, ինձ հասկանալի է դառնում, թե ինչու վճռեցի այնուհետև երբեք չզբաղվել երկրաբանությամբ։

Դասախոսությունները հաճախելու շնորհիվ ես ծանոթացա թանգարանապահ Մ. Մակջիլիվրեյի հետ, որը հետագայում հրատարակեց մեծ ու հիանալի մի գիրք Շոտլանդիայի թռչունների մասին։ Նա շատ բարի էր, և մենք նրա հետ հաճախ շատ հետաքրքիր զրույցներ էինք ունենում բնապատմության վերաբերող զանազան նյութերի մասին։ Նա ինձ տվեց մի քանի հազվագյուտ խեցիներ, որովհետև այն ժամանակ ես հավաքում էի ծովային խխունջներ, թեև ոչ առանձին եռանդով։

Այդ երկու տարվա ընթացքում իմ ամառային արձակուրդները ես ամբողջապես նվիրում էի զվարճությունների, թեև ձեռքիս միշտ լինում էր որևէ գիրք, որը ես հետաքրքրությամբ կարդում էի։ 1826 թ. ամառը ես իմ երկու ընկերների հետ, ճանապարհորդական պարկերը մեջքներիս, հետիոտն ճանապարհորդություն ձեռնարկեցինք Հյուսիսային Ուելսում։ Գրեթե ամեն օր մենք անցնում էինք մոտավորապես երեսունական մղոն, և մի օրում բարձրացանք Սնոուդոնի վրա։ Մի ուրիշ անգամ ես ձիերով զբոսանք կատարեցի իմ քրոջ հետ Հյուսիսային Ուելսում։ Մեր հագուստների թամբային բեռները մեր հետևից բերում էր ծառան։ Աշունը նվիրվում էր առավելապես հրացանային որսորդության, գլխավորապես Վուդհաուսում միստր Օուենի մոտ կամ Մերում իմ մորեղբայր Ջոսի մոտ[4]։ Իմ մոլությունը որսորդության նկատմամբ այն աստիճանի էր հասնում, որ որսորդական կոշիկներս բոլորովին պատրաստ դնում էի հենց մահճակալիս մոտ, որպեսզի առավոտյան ոչ մի րոպե չկորցնեմ. մի անգամ, օգոստոսի 20-ին, ցախհավեր որսալու պատրաստվելով, դեռ մինչև լուսաբացը ես հասա իմ քեռու կալվածների ամենածայրը և հետո անտառապահի հետ ամբողջ օրը թափառեցի հավամրգիով և սոճիով ծածկված խիտ մացառուտի մեջ։

Ես ճշտապահորեն գրանցում էի սեզոնի ընթացքում իմ սպանած յուրաքանչյուր թռչունը։ Մի անգամ Վուդհաուսում որս անելիս, կալվածատիրոջ ավագ որդու կապիտան Օուենի և նրա հորեղբոր որդի մայոր Հիլի՝ հետագայում լորդ Բերվիկի հետ, որոնց շատ էի սիրում, ես հետևյալ հանաքի զոհ դարձա։ Իմ ամեն մի հաջող կրակոցից հետո նրանցից որևէ մեկը ձևացնում, էր, թե հրացանն է լցնում, և ասում էր. «Դա մի հաշվեք, որովհետև ես էլ եմ կրակել», ըստ որում անտառապահը, որը հասկացել էր, թե ինչումն է հանաքը, շտապում էր հաստատել իր տերերի խոսքերը։ Մի քանի ժամ հետո նրանք խոստովանեցին իրենց արարքը. բայց այդ ինձ համար վատ կատակ էր, որովհետև ես շատ թռչուն էի խփել, սակայն չէի կարող ասել, թե որքան և չէի կարող ցուցակս լրացնել, որ ես սովորաբար անում էի սերթուկիս մերակով անցկացրած դերձանի վրա հանգույցներ կապելով։ Հենց այդ էլ նկատել էին իմ անգութ ընկերները։

Եվ ինչպիսի՜ հաճույք էր ինձ պատճառում որսորդությունը։ Բայց ինձ թվում էր, թե ես այնուամենայնիվ ինչ որ կիսագիտակցական ամոթ էի գգում, որովհետև աշխատում էի ինձ համոզել, որ որսորդությունը որոշ չափով մտավոր զբաղմունք է, չէ՞ որ դա որքան ըմբռնողություն է պահանջում որս գտնելու համար և որքան վարպետություն՝ շներին վարժեցնելու համար։

Մերում 1827 թ. աշնանը կատարած այցելություններիցս մեկը մնացել է հիշողությանս մեջ, որովհետև ես այնտեղ հանդիպեցի սըր Ջ. Մակինտոշին, կյանքումս ինձ չի վիճակվել լսել որևէ մեկին, որը կարողանար այդպես լավ խոսակից լինել։ Եվ ինչպես էի փայլում, որ նա ասել էր իմ մասին։ «Այդ երիտասարդի մեջ կա ինչ որ մի բան, որը ինձ հետաքրքրեց»։ Նա, հավանորեն, պարզապես նկատել էր, թե ինչպիսի հետաքրքրությամբ ես ունկնդրում էի նրա խոսքերին, որովհետև ես խոճկորի պես տգետ էի պատմության, քաղաքականության և բարոյական փիլիսոփայության այն հարցերում, որոնք նա զարգացնում էր։ Ականավոր մարդու գովասանական գնահատականը թեև, կարող է պատահել, վնասակար է այն իմաստով, որ հարուցում է սնափառություն, մյուս կողմից՝ անկասկած օգտակար է, որովհետև պահում է երիտասարդին պատշաճ ուղղության մեջ։

Այդ երկու երեք տարիների ընթացքում իմ այցելությունները Մերում հմայիչ էին, նույնիսկ անկախ աշնանային որսորդությունից։ Կյանքս այնտեղ միանգամայն ազատ էր. շրջակայքը բոլոր հարմարությունները տալիս էր ոտքով կամ ձիով սքանչելի զբոսանքներ կատարելու։ Երեկոները շատ հաճելի էին անցնում, ոչ չափից դուրս անձնական բնույթի զրույցներով, ինչպես հաճախ լինում է մեծ ընտանիքներում, և երաժշտությամբ պարապելով։ Ամառը հաճախ ամբողջ ընտանիքը տեղավորվում էր սյունազարդ սրահի աստիճանների վրա. ոտքերիս առջևում տարածվում էր ծաղկանոցը, իսկ ուղղակի տան առջևում դիմացի զառիթափ անտառապատ ափը անդրադառնում էր լճի հայելում, որը միայն երբեմն խանգարվում էր ձկան կամ նրա մակերեսին թևով կպչող թռչունի առաջացրած ճողփյունով։ Ոչ մի բան իմ հիշողության մեջ ավելի վառ չի տպավորվել, քան այդ երեկոները Մերում։ Ես շատ սիրում էի ու հարգում մորեղբայր Ջոսին. նա շատ լռակյաց էր ու զուսպ, այնպես որ մի քիչ երկյուղ էր ազդում, բայց երբեմն ինձ հետ խոսում էր բոլորովին անկեղծորեն։ Դա շիտակ մարդու տիպար էր, որն ուներ պարզորոշ դատողություն։ Ես համոզված եմ, որ աշխարհում ոչ մի ուժ չէր կարող նրան ստիպել թեկուզ մի քայլ շեղվելու այն ճանապարհից, որը նա ճիշտ էր համարում։ Ես մտքումս նրա նկատմամբ կիրառում էի Հորացիոսի հայտնի, այժմ արդեն իմ կողմից մոռացված ներբողի խոսքերը, որտեղ ասված է «nec vultus tyrannic» [«ոչ իսկ բռնակալի կամքը»] և այլն[5]։

ՔԵՄԲՐԻՋ (1828-1831 թթ.)

Էդինբուրգում իմ անցկացրած երկու տարուց հետո իմ հայրը նկատեց կամ քույրերիս միջոցով իմացավ, որ բժիշկ դառնալու միտքը ինձ բոլորովին չի ժպտում, և վճռեց, որ ինձ ամենից լավն է պատրաստվել քահանա դառնալու։ Նա միանգամայն արդարացի կերպով զայրանում էր միայն այն մտքից, որ ես կարող եմ դառնալ սպորտի անբան սիրահար, իսկ այն ժամանակ այդպիսի վախճանը միանգամայն հնարավոր էր թվում։ Ես խնդրեցի մի քիչ ժամանակ տալ խորհելու համար, որովհետև այն բանի հիման վրա, ինչ ես լսել էի կամ խորհում էի այդ առթիվ, ես տատանվում էի ընդունել անգլիկան եկեղեցու բոլոր դոգմատները որպես անկասկածելի ճշմարտություն, թեև, ընդհանրապես ասած, ես բավականությամբ կանգ էի առնում գյուղական քահանա դառնալու մտքի վրա։ Այդ պատճառով ես զբաղվեցի Պիրսոնի «Դավանանքների մասին» գրքի և աստվածաբանական այլ գրքերի ընթերցանությամբ, և որովհետև այն ժամանակ չէի կասկածում Աստվածաշնչի յուրաքանչյուր խոսքի բառացի իմաստի վերաբերմամբ, ուստի ևս շատ շուտ համոզեցի ինձ, որ մեր դավանությունը ամբողջովին ընդունելի է։

Երբ մտածում ես, թե ինչպես հետագայում ինձ վրա կատաղի կերպով հարձակվում էին եկեղեցու կողմնակիցները, ապա ուղղակի ծիծաղելի է հիշել, որ մի ժամանակ ես ինքս մտադրություն եմ ունեցել քահանա դառնալու։ Եվ իմ այդ մտադրությունը և հորս ցանկությունը երբեք նույնիսկ ձևականորեն չեն մերժվել, այլ մի տեսակ մեռան բնական մահով, երբ թողնելով Քեմբրիջը՝ ես մասնակցեցի գիտարշավին «Բիգլ»-ի վրա որպես բնախույզ։ Եթե հավատանք գանգաբաններին, ապա ես նույնիսկ ունեի որոշ տվյալներ քահանա դառնալու համար։ Մի քանի տարի առաջ գերմանական մի հոգեբանական ընկերության քարտուղարները թախանձագին խնդրել էին, որ ես ուղարկեմ իմ լուսանկարը։ Որոշ ժամանակ անց ես ստացա նիստի արձանագրությունը, որտեղ հրապարակորեն քննարկվել են իմ գլխի ձևերը, և ներկաներից մեկը կարծիք է հայտնել, որ երկյուղածության ելունդը ինձ մոտ այն աստիճանի է զարգացած, որ այն կբավեր լրիվ տասը քահանաների։

Քանի որ որոշված էր, որ ես լինելու եմ քահանա, ապա այստեղից անհրաժեշտություն էր բխում՝ ավարտել անգլիական համալսարաններից մեկի դասընթացը։ Բայց որովհետև դպրոցից հենց դուրս գալուց սկսած վերջին երկու տարվա ընթացքում որևէ դասական գիրք ձեռքս չէի վերցրել, ապա երևաց, որքան էլ դա քիչ հավատալի է թվում, որ ես մոռացել էի այն ամենը, ինչ որ սովորել էի դպրոցում, մինչև իսկ հունական այբուբենի մի քանի տառեր։ Այդ պատճառով ես սովորական ժամանակին՝ հոկտեմբերին չուղևորեցի Քեմբրիջ, այլ սկսեցի պարապել մասնավոր դասատուների հետ և Քեմբրիջ գնացի միայն ծննդյան արձակուրդներից հետո՝ 1828 թվականի սկզբին։ Շուտով ես վերականգնեցի գիտելիքների իմ դպրոցական մակարդակը և համեմատաբար հեշտությամբ կարողանում էի թարգմանել ոչ դժվարին հունարեն գրքեր, օրինակ՝ Հոմերոսը կամ Նոր կտակարանը։

Քեմրրիջում իմ անցկացրած երեք տարիները ուսումնական պարապմունքների իմաստով նույնքան ապարդյուն էին ինձ համար, որքան որ Էդինբուրգում և դպրոցում անցկացրած տարիներս։ Ես փորձեցի զբաղվել մաթեմատիկայով և նույնիսկ ամառը Բարմուտում մասնավոր դասեր էի վերցնում մի ուսուցչի (մի շատ բութ մարդու) մոտ, բայց քիչ առաջադիմեցի։ Ես ինչ որ զզվանք էի զգում դեպի այդ պարապմունքները գլխավորապես այն պատճառով, որ որևէ իմաստ չէի կարողանում գտնել հանրահաշվի սկզբնական հիմքերում։ Համբերության այդ պակասը, այնուամենայնիվ, բավական հիմարություն էր, և հետագա տարիներում ես խորապես ափսոսում էի, որ չկարողացա ծանոթանալ մաթեմատիկային գեթ այնքան, որպեսզի մի քիչ հասկանայի նրա մեծ, ղեկավարող սկզբունքները, որովհետև դրանք յուրացնողները ինձ վրա թողնում են այնպիսի մարդկանց տպավորություն, որոնք ունեն մի զգայարան ավելի, քան հասարակ մահկանացուները։ Սակայն չեմ կարծում, թե ես երբևիցե շատ առաջադիմեի այդ բնագավառում։ Կլասիկների վերաբերմամբ ես սահմանափակվում էի պարտադիր դասախոսությունները հաճախելով, այն էլ գրեթե միայն անվանապես։ Երկրորդ տարում ես մեկ կամ երկու ամիս նստեցի աշխատելու, որպեսզի պատրաստվեմ Little-Go քննության և այն տվեցի հեշտությամբ։ Նմանապես և վերջին ուսումնական տարում ևս բավական ջանասիրությամբ պարապեցի բակալավրի աստիճանի համար քննություն տալուց առաջ, մի քիչ թարմացրեցի հիշողությանս մեջ իմ կլասիկներին, ինչպես նաև փոքր չափով հանրահաշիվը և Էվկլիդը. վերջինս, ինչպես առաջ դպրոցում, ինձ մեծ բավականություն պատճառեց։ Բակալավրի քննություն տալու համար ավելացավ ծանոթությունս Պեյլիի գրքերին՝ «Քրիստոնեության ապացույցները» և «Բարոյական փիլիսոփայությունը»։ Ես այդ արեցի լիակատար մանրազնինությամբ և համոզված եմ, որ կարող էի հիշողությամբ շարադրել «Ապացույցները», բայց, անշուշտ, ոչ Պեյլիի հստակ լեզվով։ Այդ գրքի և, կարող եմ ավելացնել, նաև նրա «Բնական աստվածաբանության» տրամաբանությունը ինձ նույնչափ բավականություն պատճառեց, որչափ Էվկլիդը։ Այդ գրքերի ուշադիր ուսումնասիրությունը, առանց անգիր անելու նրանց բովանդակությունը, այն ամենը, ինչպես ինձ թվում էր այն ժամանակ և մինչև այժմ էլ համոզված եմ, որ միակ օգտակար բանն էր, որ ես ստացա իմ ամբողջ համալսարանական պարապմունքներից իմ մտքի դաստիարակման իմաստով։ Այն ժամանակ ես կանգ չէի առնում այն նախադրյալների վրա, որոնք հիմք է ընդունում Պեյլին. բայց հավատալով նրանց, ես հմայված ու համոզված էի նրա փաստարկումների ամբողջ երկար շարանով։ Լավ պատասխանելով քննական հարցերին Պեյլիից, հիմնովին գիտենալով Էվկլիդը և առանձնապես տգետ չլինելով կլասիկներից, ես լավ տեղ ձեռք բերեցի οι πολλοι-ի մեջ, կամ նրանց բազմությունում, ովքեր բարձր մեծարանքների հետևից չեն ընկնում։ Տարօրինակ է ասել, բայց ես վճռականապես չեմ հիշում, թե ո՞ր տեղը գրավեցի ցուցակում՝ հինգերորդ, տասերորդ, թե տասներկուերորդ։

Այն ժամանակ համալսարանում գիտելիքների զանազան ճյուղերից հրապարակական դասախոսություններ էին կարդում, որոնց հաճախումը միանգամայն կամավոր էր, բայց Էդինբուրգյան դասախուսություններն ինձ արդեն այնպես էին զզվեցրել, որ չէի գնում լսելու նույնիսկ Սեջվիկի պերճախոս ու հետաքրքիր դասախոսությունները։ Այլապես ես շատ ավելի վաղ կդառնայի երկրաբան, քան այդ տեղի ունեցավ իրականում։ Սակայն ես հաճախում էի Հենսլոյի դասախոսությունները բուսաբանությունից, նրանք ինձ շատ դուր էին գալիս ինչպես շարադրանքի անսովոր պարզության, այնպես էլ հիանալի ցուցադրումների շնորհիվ։ Բայց և այնպես ես բուսաբանություն չէի ուսումնասիրում։ Հենսլոն երբեմն աշակերտների, այդ թվում նաև համալսարանի ավելի հին անդամների հետ էքսկուրսիաներ էր կատարում հեռավոր վայրեր ոտքով, կառքով կամ բարկասով գետի հոսանքով դեպի ցած։ Այդ ժամանակ նա ամբողջ դասախոխություններ էր կարդում մեզ հանդիպող հազվագյուտ բույսերի և կենդանիների մասին։ Այդ էքսկուրսիաները սքանչելի էին։

Թեև, ինչպես հիմա կտեսնենք, իմ քեմբրիջյան կյանքում կային նաև լուսավոր կետեր, սակայն այնտեղ իմ անցկացրած ժամանակը ես համարում եմ կորած և նույնիսկ ավելի վատ, քան կորած։ Հրացանաձգության և որսորդության նկատմամբ, իսկ եթե այդ չէր լինում, շրջակայքում ձիով զբոսանքների նկատմամբ իմ ունեցած մոլությունը ինձ բերեց սպորտի սիրահարների խմբակը, որոնց մեջ կային ուղղակի ցոփ և ոչ բարձր բարոյականության տեր երիտասարդներ։ Մենք հաճախ հավաքվում էինք միասին ճաշելու, իհարկե, այդ ճաշերին ներկա էին լինում նաև ավելի լուրջ մարդիկ, բայց հաճախ մենք խմում էինք չափից դուրս, իսկ հետո հաջորդում էին ուրախ երգերը և թղթախաղը։ Գիտեմ, որ այդ ձևով անցկացրածս օրերի և երեկոների համար ես պետք է ամաչեմ, բայց իմ ընկերներից մի քանիսը այնպիսի հաճելի մարդիկ էին, և մենք բոլորս այնպես ուրախանում էինք, որ ես այժմ էլ չեմ կարող այդ ժամանակը հիշել առանց բավականության։

Բայց ինձ հաճելի է մտածել, որ ես ունեի նաև ուրիշ շատ, բոլորովին այլ տեսակի ընկերներ։ Ես շատ մոտ էի Ուիտլեյի[6] հետ, որը հետագայում ստացավ առաջին պարգևը, և մենք նրա հետ միշտ երկարատև զբոսանքներ էինք կատարում։ Նա իմ մեջ ճաշակ պատվաստեց պատկերների և լավ փորագրանկարների նկատմամբ, և ես նույնիսկ ձեռք բերի մի քանի լավերը։ Ես հաճախ էի լինում Ֆիտցուիլյամի պատկերասրահում, և, ըստ երևույթին, բավական լավ ճաշակ ունեի, որովհետև ես, անկասկած, սքանչանում էի լավագույն նկարներով և երկար դատողություններ անում նրանց մասին թանգարանապահի հետ։ Մեծ հետաքրքրությամբ կարդացի սըր Ջոշուա Ռեյնոլդսի գիրքը։ Նկարչության նկատմամբ այդ ճաշակս, թեև բնածին չէր, պահպանվեց մի քանի տարի, Լոնդոնի Ազգային պատկերասրահի նկարներից շատերը ինձ իսկական հաճույք էին պատճառում, իսկ Սեբաստյան Դել-Պյոմբոյի մի նկարը իմ մեջ արթնացնում էր վսեմության զգացմունք։

Ես ընդունվեցի նաև երաժշտական խմբակում, կարծեմ, իմ ընկեր Հերբերտի միջոցով, որը ամենաբարի հոգու տեր մարդ էր, համալսարանն ավարտեց ամենաբարձր գնահատականով։ Իմ ծանոթությունը այն մարդկանց հետ, որոնց մոտ ես հաճախ երաժշտություն էի լսում, ճաշակ պատվաստեց իմ մեջ երաժշտության նկատմամբ, և ես հաճախ իմ զբոսանքները դասավորում էի այնպես, որպեսզի լի օրերը լսեմ խմբերգությունները Կինգ-կոլեջի եկեղեցում։ Զգացած բավականությունն այնքան մեծ էր, որ երբեմն իմ մեջքով սարսուռ էր անցնում։ Ես հաստատ հավատացած եմ, որ երաժշտության նկատմամբ իմ այդ զգացմունքում ոչ մի շինծու բան կամ ընդօրինակություն չկար, որովհետև ես Կինգ-կոլեջ մեն-մենակ էի գնում, իսկ երբեմն նույնիսկ վարձում էի երգիչներ իմ տանը երգելու համար։ Այնուամենայնիվ ես այն աստիճան զուրկ եմ երաժշտական լսողությունից, որ չեմ նկատում աններդաշնակությունը, չեմ կարողանում պահել չափը կամ ինքս ինձ գոնե մի քիչ ճիշտ մռմռալ որևէ մեղեդի, այնպես որ ինձ բոլորովին անհասկանալի է, թե ինչպես ես կարող էի երաժշտությունից բավականություն ստանալ։

Երաժշտականն ընկերներս շուտով նկատեցին այդ և շատ զվարճանում էին, ինձ համար քննություն սարքելով, որի էությունն այն էր, որ ես պետք է իմանայի ինձ ծանոթ եղանակները, երբ կատարվում էին ավելի դանդաղ կամ ավելի արագ, քան հարկավոր էր։ «God Save the King»-ը[7] այդպիսի ձևով կատարվելիս ինձ համար դառնում էր անլուծելի հանելուկ։ Կար իմ լսողության պես վատ լսողություն ունեցող էլի մեկ մարդ և, տարօրինակ է ասել, նա մի քիչ նվագում էր ֆլեյտա։ Մի անգամ ի մեծ ուրախություն իմ՝ ես հաղթեցի նրան մեր այդ քննություններից մեկում։

Բայց ոչ մի բանով այնպես մոլությամբ և այնպիսի բավականությամբ ես չէի զբաղվում, ինչպես բզեզներ հավաքելով։ Դրանում արտահայտվում էր պարզապես հավաքածուներ կազմելու ցանկությունս, որովհետև ես նրանց չէի հետազոտում, գրեթե չէի համեմատում որևէ հրատարակված նկարագրության հետ։ Այնուամենայնիվ ինձ հաջողվում էր իմանալ նրանց անունները։ Բերեմ մի օրինակ այդ գործում իմ եռանդի մասին. մի անգամ հին ծառից կեղևը պոկելիս ես ձեռքով բռնեցի մեկական հազվագյուտ բզեզ, երբ տեսա մի երրորդը, որը. նույնպես ինձ համար բոլորովին նոր էր։ Չկարողանալով հրաժարվել երրորդից, ես աջ ձեռքումս բռնած բզեզը խոթեցի բերանս։ Բայց, ո՜հ սարսափ։ Նա արձակեց ինչ-որ կծու հեղուկ, որը վառեց իմ լեզուն, այնպես որ ես ստիպված էի դուրս թքել նրան, ընդ որում, իհարկե, կորցրի նրան նույնպես, ինչպես նաև երրորդը։

Ես շատ հաջողակ էի հավաքածու կազմելու գործում և նույնիսկ գտա հավաքելու երկու նոր միջոց. ես վարձում էի մի գործավոր, որը ձմեռվա ընթացքում հին ծառերի վրայից քերում էր մամուռը և հավաքում այն պարկի մեջ, ինչպես նաև հավաքում էր ճահիճներից եղեգն բերող գետանավերի հատակի աղբը, և այդ եղանակով ես հավաքեցի մի քանի հազվագյուտ տեսակներ։ Ի հարկե, ոչ մի բանաստեղծ, տեսնելով տպագրված իր առաջին պոեմը, այնպիսի բերկրանք չի զգացել, ինչպես ես, երբ Ստիվենսի «Բրիտանական միջատների նկարները» գրքում տեսա այս մոգական խոսքերը։ «Բռնված է Չ. Դարվինի կողմից»։ Միջատաբանության հետ առաջին ծանոթությանս համար ես պարտական եմ իմ հորեղբոր որդի Ու. Դարվին Ֆոքսին, մի շատ խելացի և հաճելի մարդու, որը սովորում էր Կրայստ-կոլեջում և որի հետ շատ մոտ բարեկամացա։ Ավելի ուշ ես մոտիկացա հետագայում հայտնի հնէագետ Ալբերտ Ուեյի հետ Երրորդության-կոլեջից, որի հետ մենք հաճախ էքսկուրսիաներ էինք անում, ինչպես նաև նույն կոլեջից Հ. Թոմսոնի հետ, որը հետագայում դարձավ աչքի ընկնող գյուղատնտես, երկաթուղային մեծ ձեռնարկության դիրեկտոր և պառլամենտի անդամ։ Այնտեղից կարծես հետևում է, որ բզեզներ հավաքելու մոլությունը կարող է ինչպես մի մարգարեական ցուցում ծառայել կյանքում ապագա հաջողության համար։

Ես միշտ զարմանում եմ այն խոր տպավորությանը, որ ինձ վրա թողել են քեմբրիջյան բզեզները։ Ես մինչև այժմ իմ առաջ տեսնում եմ այն սյուները, հին ծառերը կամ դարափուլերը, որտեղ ես լավ գյուտեր եմ արել։ Այն ժամանակները մի լավիկ Panagaeus crux-major-ը իսկական գանձ էր, և արդեն գտնվելով այստեղ, Դաունում, մի անգամ տեսա ճանապարհը կտրելով վազող մի բզեզ և, բռնելով նրան, իսկույն նկատեցի, որ նա քիչ է տարբերվում P. crux-major-ից։ Այդպես էլ դուրս եկավ՝ դա P. quadripunctatus-ն էր, որը ներկայացնում է P. crux-major-ի այլատեսակը կամ մոտ ազգակից տեսակը, միայն շատ քիչ տարբերվելով նրանից ընդհանուր ուրվագծերով։ Այն դեռ վաղ ժամանակներում ես ոչ մի անգամ չէի տեսել կենդանի Licinus, որը անփորձ աչքի համար քիչ է տարբերվում մյուս սև Carabidae-ներից, բայց երբ իմ որդիները այստեղ բռնեցին մեկին, ես իսկույնևեթ իմացա, որ ինձ համար դա բոլորովին նոր ձև է, բայց արդեն ամբողջ քսան տարի էր, որ ոչ մի բրիտանական բզեզ ձեռքս չէի վերցրել։

Մինչև այժմ ես չեմ հիշատակել մի հանգամանքի մասին, որն ամենից ավելի ազդեց իմ կարիերայի վրա։ Ես նկատի ունեմ իմ բարեկամությունը պրոֆեսոր Հենսլոյի հետ։ Դեռ մինչև Քեմբրիջ գալս, ես եղբորիցս լսել էի նրա մասին, որպես մի մարդու, որը գիտակ է բնագիտության բոլոր բնագավառներում, և ես նախապատրաստված էի նրան հարգանքով վերաբերվելու։ Շաբաթը մեկ անգամ նրա տունը հյուրընկալ կերպով բաց էր գիտությամբ բոլոր հետաքրքրվողների առաջ, և այդ երեկոներին հավաքվում էին համալսարանի բոլոր հին ու նոր անդամները։ Շուտով Ֆոքսի միջոցով ես հրավիրվեցի Հենսլոյի մոտ և սկսեցի կանոնավոր կերպով հաճախել նրա երեկոները։ Շատ չանցած ես շատ մտերմացա նրա հետ և Քեմբրիջում ապրելուս վերջին տարիներին գրեթե ամեն օր նրա հետ միասին կատարում էի հեռավոր զբոսանքներ, այնպես որ իմ մասին սկսեցին ասել, «Նա, որ Հենսլոյի հետ է զբոսնում»։ Զբոսանքից վերադառնալուց հետո նա հաճախ հրավիրում էր ինձ ճաշելու իր ընտանիքի հետ։ Նա ընդարձակ գիտելիքներ ուներ բուսաբանությունից, միջատաբանությունից, քիմիայից, հանքաբանությունից և երկրաբանությունից։ Ամենից ավելի նա սիրում էր եզրակացություններ հանել մանրազնին մանր դիտումների երկար շարանի իման վրա։ Նրա դատողությունները հիանալիորեն ճիշտ էին, և խելքը զարմանալի կերպով հավասարակշռված, բայց չեմ կարծում, որ որևէ մեկը նրա մեջ գտներ ինքնօրինակ հանճարեղության առկայություն։

Նա խորապես կրոնասեր էր և նվիրված անգլիկան եկեղեցու ուսմունքին ինչպես որ մի անգամ ինձ խոստովանեց, որ խորապես կվշտանար, եթե նրա երեսունևինը դոգմատներում գեթ մի բառ փոփոխվեր։ Նրա բարոյական հատկությունները բոլոր տեսակետներից արժանի էին զարմանքի։ Նա բոլորովին զուրկ էր սնափառությունից։ Ես երբեք չեմ տեսել մի մարդ, որն այդքան քիչ մտածեր իր և իր անձնական շահերի մասին։ Նրա բնավորությունը անվրդով ու անխռով էր, վարվեցողությունը անսովոր քաղաքավարի, ակամայից դեպի իրեն գրավող և, չնայած այդ բանին, ես առիթ եմ ունեցել համոզվելու, որ որևէ վատ արարք կարող էր առաջացնել նրա խոր զայրույթը, արագ եռանդուն գործողությունների ուղեկցությամբ։

Մի անգամ, նրա հետ միասին Քեմբրիջի փողոցներով անցնելիս, ես վկա եղա մի սոսկալի տեսարանի, որից ավելի վատը, հավանորեն, չէր կարելի տեսնել նաև ֆրանսիական ռևոլյուցիայի ժամանակներում։ Երկու դիակագողերի պահակները ուղեկցում էին դեպի բանտ, երբ նրանց վրա հարձակվող ամբոխը խլեց նրանց ոստիկանության ձեռքից և ոտքերից քաշ տվեց ցեխոտ սալարկի վրայով։ Նրանք ոտքից մինչև գլուխ ցեխակոլոլված էին, իսկ նրանց դեմքերը արյունոտած, արդյոք նրանի՞ց, որ ամբոխը ոտքերով աքացի էր խփում դեմքերին, թե՞ քարերին դիպչելուց։ Նրանք ավելի շատ նման էին դիակների. ասենք՝ ամբոխը այնպես էր խռնվում նրանց շուրջը, որ ես նրանց միայն անցողակի տեսա։ Երբեք չեմ տեսել մարդկային դեմքի վրա վրդովմունքի այդպիսի արտահայտություն, ինչպես այն, որով այլայլված էին Հենսլոյի դեմքի գծերը այդ զզվելի տեսարանը տեսնելու ժամանակ։ Նա մի քանի անգամ փորձեց ամբոխը ճեղքել և հասնել դժբախտ զոհերին, սակայն բոլոր ջանքերը զուր էին։ Այն ժամանակ նա շտապեց քաղաքի մերի մոտ, բղավելով ինձ, որ ես չհետևեմ իրեն, այլ աշխատեմ հավաքել էլի մի քանի ոստիկաններ։ Ես արդեն մոռացել եմ, թե ինչով վերջացավ այդ ամենը, գիտեմ միայն, որ նախքան այդ մարդկանց կարողացան սպանել, նրանց հասցրին բանտ։

Հենսլոյի բարեգործությունը սահման չէր ճանաչում, նա այդ ապացուցեց Հիտշամում քահանա եղած ժամանակ հոգ տանելով իր ծխի աղքատների մասին։ Այդպիսի մարդու հետ մոտիկությունը պետք է խոր բարերար ազդեցություն գործեր և, ես հույսով եմ, իրականում գործեց ինձ վրա։ Չեմ կարող չհիշատակել մի փոքրիկ դեպք, որը ապացուցում է նրա նրբանկատությունը։ Զննելով թաց մակերեսի վրա դրված ծաղկափոշու հատիկները, ես նկատեցի, որ նրանցից մի քանիսը խողովակ են արձակել, և գլխապատառ սլացա նրան հաղորդելու իմ գյուտի մասին։ Ես հավատացած եմ, որ բուսաբանության ոչ մի պրոֆեսոր չէր զսպի իր ծիծաղը նման հաղորդման վրա։ Բայց նա ինձ հետ համաձայնեց, որ այդ երևույթը վերին աստիճանի հետաքրքիր է, ինձ բացատրեց նրա նշանակությունը և միևնույն ժամանակ զգուշորեն հասկանալ տվեց, որ այն լավ հայտնի է։ Ես նրանից հեռացա ամենևին չվիրավորված, այլ, ընդհակառակը, գոհ էի նրանով, իր ինձ անձամբ հաջողվեց հայտնագործել այդպիսի երևելի փաստը, բայց, իհարկե, խոսք տվի ինձ այսուհետև չշտապել հաղորդումներ անելու իմ հայտնագործությունների մասին։

Հենսլոյին երբեմն այցելող հայտնի և ավելի հասակավոր մարդկանցից մեկն էր դոկտոր Յուելը, որին մի քանի անգամ գիշերով ուղեկցել եմ տուն։ Բացի սըր Ջ. Մակինտոշից, ես չեմ լսել մի մարդու, որը կարողանար այնպես խոսել լուրջ բաների մասին, ինչպես Յուելը։ Հենսլոյի մոտ հաճախ հյուր էր լինում նրա փեսան՝ Լեոնարդ Ջենինսը[8], որը հետագայում հրատարակեց մի քանի լավ աշխատություններ բնագիտությունից։ Ես լինում էի նրա մոտ՝ նրա քահանայական տանը, որը կպած էր մեծ ճահճին (the Fens), և հիշում եմ նրա հետ ունեցած հետաքրքիր զբոսանքները և միշտ բնապատմության վերաբերյալ խոսակցությունները։ Ծանոթացա նաև տարիքով ինձանից ավելի մեծ մի քանի մարդկանց հետ, որոնք գիտությամբ քիչ էին հետաքրքրվում, բայց Հենսլոյի բարեկամներն էին։ Նրանցից մեկը շոտլանդացի էր — սըր Ալեքսանդր Ռամսեյի եղբայրն էր և Հիսուսի կոլեջում դաստիարակ, դա մի հմայիչ մարդ էր, բայց շուտ մեռավ։ Մյուսը, միստր Դոուզն էր, որը հետագայում Հերեֆորդում դեկան էր ու հռչակվեց իր դպրոցներով աղքատների համար։ Այդ մարդիկ և նրանց շրջանից ուրիշները երբեմն Հենսլոյի հետ միասին բավական հեռավոր էքսկուրսիաներ էին կատարում, որոնց մասնակցելու թույլատրում էին նաև ինձ, որը ինձ մեծ բավականություն էր պատճառում։

Հիշելով այդ մասին, ես գալիս եմ այն եզրակացության, որ իմ մեջ ինչ-որ բան կար, որ ինձ զատում էր իմ հասակակիցների շարքից, այլապես այնպիսի մարդիկ, որոնք ինձանից ավագ էին թե՛ տարիքով և թե՛ ակադեմիական դիրքով, չէին թույլ տա մտնելու իրենց շրջանը։ Իհարկե ես ինքս իմ մեջ ոչ մի գերազանցություն չէի զգում իմ ընկերների նկատմամբ և լավ հիշում եմ, երբ սպորտի իմ ընկերակիցներից մեկը՝ Տյորները, տեսնելով, թե ինչպես ես զբաղվում եմ բզեզներով, սկսեց հավատացնել ինձ, որ ես երբևիցե կդառնամ Թագավորական ընկերության անդամ, այդ ինձ պարզապես անհեթեթ թվաց։

Քեմբրիջում իմ ապրած վերջին տարում ես խոր հետաքրքրությամբ կարգակցի Հումբոլդտի «Անձնական տպավորություններ»-ը։ Այդ գիրքը և սըր Ջ. Հերշելի «Ներածություն բնագիտության փիլիսոփայության ուսումնասիրության» աշխատությունը իմ մեջ արթնացրին բուռն ցանկություն իմ համեստ ուժերով գոնե մի քիչ օժանդակել բնագիտության փառահեղ շենքի կառուցմանը։ Ոչ մի գիրք առանձին վերցրած և ոչ էլ նրանց տասնյակները միասին գումարած ինձ վրա այնպիսի տպավորություն չեն թողել, ինչպես այդ երկուսը։ Ես Հումբոլդտից երկար քաղվածք արեցի Տեներիֆի մասին և վերոհիշյալ էքսկուրսիաներից մեկում կարդացի այն, կարծեմ, Հենսլոյին, Ռամսեյին և Դոուզին, որովհետև դեռ ավելի առաջ, Տեներիֆի հրաշալիքների մասին իմ արած նկարագրությունից հետո, էքսկուրսիայի մասնակիցներից մի քանիսը ցանկություն հայտնեցին գնալու այնտեղ, սակայն կարծում եմ, որ այդ ցանկությունները միայն կիսով չափ լուրջ էին։ Բայց ես ձգտում էի այնտեղ միանգամայն լուրջ կերպով, այնպես որ նույնիսկ խնդրում էի ինձ ծանոթացնել լոնդոնյան մի վաճառականի հետ, որպեսզի իմանամ, թե ինչ նավեր են մտնում այնտեղ։ Բայց այդ պլանը, իհարկե, թողնվեց, երբ հարց առաջացավ «Բիգլ»-ով ճանապարհորդելու մասին։

Ամառային արձակուրդներիս ժամանակն անցնում էր բզեզներ հավաքելով, ընթերցանությամբ և ոչ հեռավոր էքսկուրսիաներով։ Ամբողջ աշունը նվիրում էի որսորդության՝ գլխավորապես Վուդհաուսում և Մերում, իսկ երբեմն էլ Էյտոնում՝ երիտասարդ Էյտոնի հետ։ Ընդհանրապես բոլոր երեք տարիները, որ ես անցկացրի Քեմբրիջում, ամենաուրախ տարիներն էին իմ երջանիկ կյանքում, այն ժամանակ առողջությունս հիանալի էր և համարյա միշտ գտնվում էի ուրախ տրամադրության մեջ։

Քանի որ ես միայն ծննդից հետո եկա Քեմբրիջ, ուստի վերջին քննությունից հետո՝ 1831 թվականի սկզբին ես պետք է երկու սեմեստր ևս մնայի, և Հենսլոն ինձ համոզեց զբաղվել երկրաբանությամբ։ Այդ պատճառով, վերադառնալով Շրոպշիր, ես սկսեցի ուշադրությամբ զննել Շրուսբերիի շրջակայքի կտրվածքները և նույնիսկ կազմեցի նրանց գունազարդ քարտեզը։ Պրոֆեսոր Սեջվիկը մտադիր էր օգոստոսի սկզբին այցելել հյուսիսային Ուելս, որպեսզի շարունակի իր նշանավոր հետազոտությունները հնագույն կազմավորումների մասին, և Հենսլոն խնդրել էր Սեջվիկին թույլ տալ ինձ ուղեկցելու նրան այդ ճանապարհորդությունում։ Դրա պատճառով նա մի գիշեր անցկացրեց իմ հոր տանը։

Այդ երեկոյան նրա հետ ունեցած կարճատև զրույցը մեծ տպավորություն գործեց ինձ վրա։ Մի բանվոր ինձ պատմել էր, որ ավազի հին հանքավայրում գտել է մեծ արևադարձային մաշված խեցի, նման այն volutae-ն, որոնք հաճախ կարելի է տեսնել կոտտեջներում բուխարիների վրա, և որովհետև նա չէր համաձայնում այն վաճառել ինձ, ուստի ես համոզված էի, որ նա իրոք գտել է այդ հանքափոսում։ Ես այդ պատմեցի Սեջվիկին, և նա առանց վարանելու ինձ պատասխանեց, հավանական է, որ խեցին որևէ մեկը գցել է (որը հավանորեն արդարացի էր), և իսկույն ավելացրեց, որ եթե այդ լիներ նրա իսկական տեղը, ապա դա իրոք դժբախտություն կլիներ երկրաբանության համար, որովհետև տակն ու վրա կաներ այն ամենը, ինչ որ մինչև հիմա մեզ հայտնի է միջին կոմսությունների մակերեսային նստվածքների մասին։ Իրոք, ավազի այդ շերտերը պատկանում են սառցադաշտային շրջանին, և հետագայում ես նրանցում գտնում էի արկտիկական խեցիներ։ Բայց այն ժամանակ ես չափազանց զարմացա այն բանից, որ Սեջվիկը չուրախացավ այդպիսի զարմանալի փաստից, ինչպիսին էր արևադարձային խեցու գյուտը Անգլիայի կենտրոնում գետնի հենց երեսին մոտ։ Թեև մինչև այդ ժամանակ ես արդեն կարողացել էի կարդալ շատ գրքեր, բայց այդպիսի պարզորոշությամբ երբեք չէր պատկերացել ինձ այն հիմնական միտքը, որ գիտությունը փաստերի այնպիսի խմբավորում է, որից կարելի է հետևեցնել ընդհանուր օրենքներ կամ եզրակացություններ։

Հետևյալ առավոտյան մենք ուղևորվեցինք Լլանգոլլեն, Կոնուեյ, Բանգոր և Կապել-Կուրիգ։ Այդ էքսկուրսիան ինձ այն աներկբայելի օգուտը տվեց, որ սովորեցրեց ինձ մի ամբողջ երկրի երկրաբանության մասին պատկերացում կազմելու ձևը։ Սեջվիկը հաճախ ինձ ուղարկում էր այն ուղղությամբ, որը զուգահեռ էր իր գնացած ուղղությանը, հանձնարարելով ինձ հավաքել լեռնային ապարների նմուշներ և քարտեզի վրա գծանշել շերտերի ուղղությունը։ Ես համոզված եմ, որ նա այդ անում էր իմ օգտի համար, որովհետև ես այնքան անտեղյակ էի, որ անշուշտ չէի կարող նրան օգտակար լինել։ Այդ էքսկուրսիայի ժամանակ ես առիթ ունեցա համոզվելու, թե որքան հեշտ է չնկատել նույնիսկ, կարծես, շատ աչքի զարնող մի երևույթ, եթե որևէ մեկ ուրիշը առաջուց նրա վրա ուշադրություն չի դարձրել։ Մենք մի քանի ժամ անցկացրինք Կվիս-Իդվալում, մանրազնին կերպով հետազոտելով լեռնային ապարները, որովհետև Սեջվիկը շատ էր ուզում նրանցում գտնել բրածոներ, և մեզանից ոչ մեկը չնկատեց սառցադաշտային երևույթների զարմանալի հետքերը, այն է՝ ոչ ժայռերի ակոսված մակերեսները, ոչ դեպի վեր ցցված գլաքարերը, ոչ կողմնային ու վերջնային քարակարկառները։ Իսկ մինչդեռ այդ երևույթներն այնքան ակնհայտ են, որ մի հոդվածում, որը ավելի ուշ տպվել է «Philosophical Magazine»-ում[9] ես այսպես եմ արտահայտվել. «Հրդեհից ոչնչացած տունը իրեն հետ պատահածի մասին ավելի պարզորոշ չի պատմի, քան այդ հովիտը։ Եթե նա դեռևս լցված լիներ սառցադաշտով, ապա բոլոր երևույթները արտահայտված կլինեին ավելի պակաս որոշակիությամբ, քան այժմ»։

Կապել-Կուրիգում ես հրաժեշտ տվի Սեջվիկին և լեռների վրայով ուղիղ գծով գնացի Բարմուտ, ղեկավարվելով քարտեզով ու կողմնացույցով և օգտվելով լեռնային արահետներով միայն այն ժամանակ, երբ նրանք համընկնում էին իմ ծրագրած ուղու հետ։ Այսպիսով ես տեսա տարօրինակ, վայրի տեղեր և շատ գոհ մնացի ճանապարհորդության այդպիսի ձևից։ Բարմուտում ես եղա քեմբրիջյան իմ ընկերներից մի քանիսի մոտ, որոնք զբաղվում էին դասատվությամբ, և վերադարձա Շրուսբերի և Մեր՝ որս անելու, որովհետև այն ժամանակները ես ինձ խելագար կհամարեի, եթե կաքավի որսի առաջին օրերը բաց թողնեի ինչ-որ երկրաբանական կամ մի այլ գիտության պատճառով։

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՍ «ԲԻԳԼ»-ՈՎ (1831 թ. դեկտեմբերի 27-ից մինչև 1836 թ. հոկտեմբերի 2-ը)

Հյուսիսային Ուելսում իմ կարճատև երկրաբանական էքսկուրսիայից տուն վերադառնալով, ես գտա մի նամակ Հենսլոյից, որով նա տեղեկացնում էր ինձ, որ կապիտան Ֆից-Ռոյը համաձայն է զիջելու իր սեփական նավասենյակի մի մասը մի երիտասարդի, որ կհամաձայներ առանց վարձատրություն ստանալու «Բիգլ»-ով ճանապարհորդել որպես բնախույզ։ Ես, կարծեմ, պատմել եմ իմ օրագրում բոլոր հանգամանքները, որոնք ուղեկցում էին իմ մեկնումին։ Միայն կասեմ, որ ես առանց մի րոպե մտածելու պատրաստ էի ընդունել առաջարկը, իսկ հայրս կտրականապես մերժեց ինձ, բայց բարեբախտաբար վերջում ավելացրեց. «Ես կհամաձայնեմ, եթե գոնե մեկ առողջամիտ մարդ քեզ խորհուրդ տա գնալու»։ Ես հենց նույն երեկոյան պատասխանեցի, մերժելով առաջարկը։ Մյուս առավոտյան մեկնեցի Մեր, որպեսզի նախապատրաստվեմ որսի սկզբին՝ սեպտեմբերի 1-ին։ Մինչ ես որս էի անում, մորեղբայրս իմ հետևից ուղարկեց, առաջարկելով ինձ տանել Շրուսբերի և խոսել հորս հետ, որովհետև մորեղբայրս կարծում էր, որ ես խոհեմաբար վարված կլինեի, ընդունելով առաջարկությունը։ Իմ հայրը միշտ էլ մորեղբորս համարում էր աշխարհում իր գիտեցած ամենախելացի մարդկանցից մեկը և անմիջապես իր համաձայնությունը տվեց ամենասիրալիր արտահայտումներով։ Քեմրբիջում ես իսկապես բավական փող էի վատնում և հորս մխիթարելու համար ասացի. «Հարկավոր է սարսափելի ճարպիկ լինել, որ «Բիգլ»-ի վրա կարողանամ ծախսել ավելի, քան ես ստանալու եմ», որին հայրս ժպտալով պատասխանեց։ «Բայց ասում են, որ դու այժմ էլ արդեն շատ ճարպիկ մարդ ես»։

Հետևյալ օրը ես մեկնեցի Քեմբրիջ՝ Հենսլոյի հետ տեսնվելու համար, իսկ այնտեղից Լոնդոն, որպեսզի ծանոթանամ Ֆից-Ռոյի հետ, և ամեն ինչ կարգավորված էր։ Հետագայում մտերմանալով Ֆից-Ռոյի հետ, ես իմացա, որ քթիս ձևի պատճառով քիչ էր մնացել նա չընդուներ ինձ։ Լաֆատերի ջերմ երկրպագու լինելով, նա համոզված էր, որ մարդու բնավորության մասին կարող է դատել ըստ նրա արտաքինի, շատ կասկածում էր այն բանում, թե իմ քթիս պես քիթ ունեցող մարդը արդյոք այդպիսի ճանապարհորդության համար կարո՞ղ է ունենալ անհրաժեշտ եռանդն ու վճռականությունը։ Բայց, ես կարծում եմ, հետագայում նա առիթ ունեցավ համոզվելու, որ քիթս նրան խաբել էր։

Ֆից-Ռոյը չափազանց ինքնօրինակ և ազնիվ բնավորություն ուներ։ Նա իր պարտքին հավատարիմ էր, ծանր աստիճան մեծահոգի, համարձակ, վճռական, անզուսպ եռանդի տեր և անձնվեր բարեկամ էր յուրաքանչյուրի համար, ովքեր նրան ենթակա էին։ Նա ոչ մի հոգատարություն չէր խնայում, երբ կարելի էր օգնել որևէ մեկին, ով որ նրա կարծիքով արժանի է դրան։ Դա մի զարմանալի գեղեցիկ մարդ էր, ոտքից մինչև գլուխ ջենտլմեն, նրբին քաղաքավարի և գեղակազմ, շարժուձևով նմանվում էր, ինչպես ինձ պատմում էր Ռիոյի դեսպանը, իր մորեղբորը՝ համբավավոր լորդ Կեստելրիին, բայց նա իր արտաքինով հավանորեն շատ բան էր ժառանգել Կարլոս 2-րդից, որովհետև մի անգամ դոկտոր Վալլիխի մոտ լուսանկարների կոլեկցիան դիտելիս ես զարմացա մի դիմանկարի և Ֆից-Ռոյի նմանությամբ, և պարզվեց, որ դա Սոբեսկի Ստյուարտ դուքս դ’Օլբենին էր, որը նույնպես այդ միապետի սերունդն էր։

Բայց Ֆից-Ռոյի բնավորությունը ամենաանտանելին էր։ Առանձնապես նա անտանելի էր լինում առավոտները, իր արծվի հայացքով նա անպայման նկատում էր որևէ զանցառություն նավի վրա և անխնայորեն հարձակվում էր մեղավորի վրա, նա իմ վերաբերմամբ չափազանց բարի էր, բայց խիստ դժվար էր նրա հետ յոլա գնալ այն մոտիկության պայմաններում, որը բխում էր մեր համատեղ կյանքից միևնույն նավասենյակում, որտեղ մենք երկուսով ճաշում էինք մնացած սպաներից առանձին։ Պատահել է մի քանի անգամ գժտվել ենք նրա հետ։ Այսպես, դեռ սկզբնական շրջանում՝ Բրազիլիայում Բահիան այցելելու ժամանակ նա սկսեց պաշտպանել ու գովաբանել ստրկատիրությունը, որի նկատմամբ ես նողկանք էի զգում, և պատմեց ինձ, որ հենց նոր վերադարձել է մի խոշոր ստրկատիրոջ մոտից, որը նրա ներկայությամբ կանչել է իր ստրուկներին ու հարցրել նրանց, թե նրանք արդյոք գո՞հ են իրենց վիճակից և արդյոք կուզենայի՞ն ազատություն ստանալ, որին բոլորը միաբերան պատասխանել են «Ո՛չ»։ Ես իմ հերթին նրան հարցրի, երևի ոչ առանց որոշ ծաղրի, արդյոք նա կարծում է, թե ստրուկների խոսքերին, որ ասել են իրենց տիրոջ ներկայությամբ, կարելի է որևէ նշանակություն տալ։ Դա սարսափելի զայրացրեց նրան, և նա ինձ հայտարարեց, քանի որ ես թույլ եմ տալիս կասկածել նրա խոսքերի ճշմարտության վրա, մենք այլևս չենք կարող միասին ապրել։ Ես մտածում էի, որ ստիպված եմ լինելու թողնել նավը։ Բայց հենց որ մեր գժտությունը հասավ սպաներին, իսկ այդ մասին Ֆից-Ռոյը ինքը հոգ տարավ, ուղարկելով անձնակազմի ավագի հետևից և նրա ներկայությամբ թափելով իր բարկությունը ինձ վրա,— ես, ի մեծագույն սփոփումն իմ, նրանցից հրավեր ստացա միասին ճաշելու։ Բայց մի քանի ժամ հետո Ֆից-Ռոյը ցուցաբերեց իր սովորական մեծահոգությունը, ինձ մոտ ուղարկելով մի սպայի, որ ներողություն է խնդրում և խնդրում է առաջվա պես ապրել միասին։

Շատ տեսակետներից դա ամենաազնիվ մարդկանցից մեկն էր, որոնց հետ բախտ եմ ունեցել հանդիպելու։

«Բիգլ»-ի վրա ճանապարհորդությունս իմ կյանքի ամենակարևոր իրողությունն էր, որը որոշեց իմ ամբողջ հետագա գործունեությունը։ Իսկ մինչդեռ նա կախված էր այնպիսի աննշան հանգամանքից, ինչպիսին էր իմ մորեղբոր առաջարկությունը՝ երեսուն մղոն հեռավորությունից ինձ բերել Շրուսբերի,— որը անշուշտ ուրիշ մորեղբայր չէր անի,— և այնպիսի դատարկ բանից, ինչպիսին իմ քթի ձևն էր։ Ես միշտ գիտակցել եմ, որ այդ ճանապարհորդությանն եմ պարտական առաջին իսկական դաստիարակությամբ կամ մի մտքի կարգապահությամբ։ Ես ստիպված էի ուշադիր կերպով կենտրոնանալ բնագիտության մի քանի ճյուղերի վրա, որի շնորհիվ իմ դիտելու ընդունակությունները սրվեցին, թեև նրանք առաջ էլ լավ զարգացած էին։

Ամենից կարևոր էր իմ այցելած բոլոր երկրների երկրաբանության ուսումնասիրությունը, որովհետև այդ տեսակ հետազոտությունների ժամանակ լիակատար ընդարձակություն է բացվում մտածողական ընդունակության համար։ Ոչ մի բան առաջին հայացքից չի կարող ավելի անհուսալի թվալ, ինչպես բոլորովին նոր տեղանքի երկրաբանական կառուցվածքի ներկայացրած քաոսը։ Բայց աստիճանաբար ուսումնասիրելով շատ տեղերում լեռնային ապարների և բրածոների շերտերն ու բնույթը, շարունակ համեմատելով, կշռադատելով և ջանալով կռահել, թե ինչ պետք է սպասել հետո, սկսում ես նշմարել լույսի նշույլներ և, վերջապես շատ թե քիչ հասկանալի է դառնում ամբողջ հետազոտվող մարզի կառուցվածքը։ Ես վերցրել էի ինձ հետ Լայելի «Երկրաբանության հիմունքների» առաջին հատորը, որը մանրազնին կերպով ուսումնասիրում էի. այդ գիրքը շատ տեսակներից ինձ մեծ օգուտ տվեց։ Կանաչ հրվանդանի կղզիների վրա, հատկապես Սանտ-Յագոյում իմ կատարած առաջին հետազոտությունը լիակատար ակներևությամբ իմ առաջ բացեց Լայելի հիմնական տեսակետի հսկայական առավելությունը՝ համեմատած այլ հեղինակների գաղափարների հետ, որոնց երկերը վերցրել էի ինձ հետ կամ հետագայում ինձ վիճակվեց կարդալ դրանք։

Իմ մյուս զբաղմունքն էր բոլոր դասերի կենդանիների հավաքածուներ հավաքելը, ինչպես նաև ծովային օրգանիզմների նկարագրությունը և դիահերձումը, բայց նկարել չկարողանալու և անատոմիայից բավականաչափ գիտելիքներ չունենալու պատճառով ճանապարհորդության ժամանակ կուտակված ձեռագրերիս ամբողջ կույտերը գրեթե անօգուտ եղան։ Այսպիսով, ես շատ ժամանակ կորցրի, օգտակար եղավ միայն այն ժամանակը, որը նվիրվել էր խեցեմուրթների ուսումնասիրությանը, որովհետև այդ ուղղությամբ ձեռք բերած գիտելիքներս հետագայում ինձ օգնեցին, երբ ես հետազոտություն ձեռնարկեցի փնջոտնյա խեցգետինների մասին։

Օրվա մի մասը գնում էր օրագիրս կազմելու վրա, ընդամեն ես մեծ ջանք էի թափում, որպեսզի ամբողջ տեսածիս նկարագրությունները լինեն մանրազնին ու վառ. դա շատ օգտակար վարժություն եղավ։ Այդ օրագիրը մասամբ ծառայեց ինձ որպես նամակներ հարազատներիս, ես այն մաս առ մաս առաքում էի Անգլիա՝ երբ հարմար առիթ էր ներկայանում։

Բայց բոլոր այդ մասնագիտական զբաղմունքները ինձ քիչ օգուտ բերին՝ համեմատած այն բանի հետ, որ ես այդ ժամանակամիջոցում ձեռք բերի եռանդուն աշխատանքի և կենտրոնացած ուշադրության սովորություն։ Իմ բոլոր մտորումները, իմ բոլոր ընթերցումը մշտապես կապված էին տեսածիս հետ կամ այն բանի հետ, ինչ որ ակնկալում էի տեսնել, և մտավոր այդ ունակությունը պահպանվում էր հինգ տարիների ընթացքում։ Ես համոզված եմ, որ հենց այդ ձևով ձեռք բերված ունակությունը ինձ հնարավորություն տվեց անելու այն ամենը, ինչ որ ինձ հաջողվեց անել գիտության ասպարեզում։

Հետ նայելով անցյալին, ես նկատում եմ, թե ինչպես գիտության սերն իմ մեջ հետզհետե դուրս մղեց մնացած բոլոր հակումները։ Առաջին երկու տարիների ընթացքում որսորդության նկատմամբ սերը իմ մեջ պահպանվում էր ամբողջ իր ուժով, իմ հավաքածուի համար թռչուններին և կենդանիներին ինքս որսացի, բայց քիչ-քիչ ես սկսեցի ավելի հաճախակի տալ հրացանս իմ ծառային, որովհետև որսորդությունը խանգարում էր մյուս պարապմունքներիս, մանավանդ երկրաբանական էքսկուրսիաներին։ Ինձ համար աննկատելիորեն և գրեթե անգիտակցաբար ես երևան հանեցի, որ դիտելու և դատողության պատճառած բավականությունը անհամեմատ ավելի բարձր է, քան սպորտի պատճառածը։ Որ իմ միտքը զարգացավ ճանապարհորդության ժամանակ իմ պարապմունքների շնորհիվ, այդ ինձ հավանական է թվում մի դիտողության հիման վրա, որ արել է իմ հայրը, որը ամենից խորաթափանց դիտող էր, որպիսին ինձ երբևիցե հանդիպել է, մի մարդ, որը ավելի շուտ հակված էր կասկածամտության և համենայն դեպս գանգաբանությանը չէր հավատում։ Ճանապարհորդությունից հետո առաջին անգամ ինձ հանդիպելիս նա՝ դառնալով քույրերիս, բացականչեց. «Տեսե՛ք, նույնիսկ նրա գլխի ձևը բոլորովին փոխվել է»։

Բայց վերադառնում եմ ճանապարհորդությանս։ Սեպտեմբերի 11-ին (1831 թ.) ես Ֆից-Ռոյի հետ միասին եղա Պլիմուտում, որպեսզի զննենք «Բիգլ»-ը, այդտեղից ուղևորվեցի Շրուսբերի՝ հորս և քույրերիս երկար ժամանակով հրաժեշտ տալու համար։ Հոկտեմբերի 24-ին ես բնակվեցի Պլիմուտում և այնտեղ մնացի մինչև դեկտեմբերի 27-ը, երբ «Բիգլ»-ը, վերջապես, ուղևորվեց իր շուրջերկրյա ճանապարհորդությունը կատարելու։ Դեռ մինչ այդ մենք երկու անհաջող փորձ էինք արել ծով դուրս գալու համար, բայց ուժեղ փոթորիկները մեզ երկու անգամն էլ նավահանգիստ էին քշում։ Պլիմուտում անցկացրած այդ երկու ամիսները իմ կյանքի ամենադժբախտն էին, թեև ամեն տեսակի ջանք գործադրում էի, որ հաղթահարեմ ինձ։ Բոլոր հարազատներից ու ընկերներից առաջիկա այդքան երկարատև անջատման մասին մտածելիս ես վհատվում էի, իսկ եղանակն էլ թախիծ և հուսալքություն էր բերում։ Բացի դրանից, ես տառապում էի սրտախփոցով և ցավով սրտիս շրջանում ինչ որ տեղում և, ինչպես այդ հաճախ պատահում է երիտասարդների հետ, մանավանդ բժշկականությունից որոշ բաներ մակերեսորեն վերցնողների հետ, երևակայում էի, թե իմ սիրտը հիվանդ է։ Ես բժշկի հետ չխորհրդակցեցի, հավատացած լինելով, որ նա թույլ չի տա ինձ ճանապարհորդել, իսկ ես որոշել էի, ինչ գնով էլ լինի, ճանապարհ ընկնել։

Այստեղ ավելորդ է կանգ առնել ճանապարհորդության դեպքերի վրա՝ այսինքն այն բանի վրա, թե մենք ինչ էինք անում և որտեղ եղանք, որովհետև այդ մասին բավականաչափ հաշվետվություն ես տվել եմ իմ հրատարակած օրագրում։ Արևադարձային բուսականության շքեղ պատկերները այժմ էլ կանգնած են աչքերիս առջև ավելի պայծառ կերպով, քան որևէ այլ հիշողություն, բայց նաև Պատագոնիայի վեհասքանչ անապատները և Հրո երկրի անտառապսակ լեռները ինձ վրա անջնջելի տպավորություն թողեցին։ Մերկ վայրենու տեսքը իրեն հարազատ երկրում՝ դա մի դիպված է, որն ամբողջ կյանքում չես մոռանա։ Ձիով կամ մակույկով կատարած իմ էքսկուրսիաներից շատերը, որոնք տևում էին մի քանի շաբաթ, չափազանց հետաքրքիր էին. դրանց հետ կապված որոշ վտանգը և իմ կրած զրկանքները ետ չէին կանգնեցնում ինձ այն ժամանակ, իսկ հետո ոչ մի հետևանք չունեցան։ Մեծ գոհունակության զգացմունքով եմ հիշում իմ ստացած որոշ գիտական արդյունքները, ինչպես, օրինակ, կորալյան կղզիների ներկայացրած հանելուկի լուծումը և որոշ կղզիների, օրինակ՝ սուրբ Հեղինեի կղզու, երկրաբանական կառուցվածքի բացատրությունը։ Չեմ կարող լռության մատնել նաև իմ հայտնագործությունը, որը վերաբերում է Գալապագոսի արշիպելագի զանազան կղզիների վրա ապրող բույսերի և կենդանիների ինչպես միմյանց հետ, այնպես էլ Հարավային Ամերիկայի մերձակա մայր ցամաքի բնակչության հետ ունեցած տարօրինակ հարաբերություններին։

Որքան ես ինքս կարող եմ դատավոր լինել այդ գործում, ինձ թվում է, որ ես այդ ճանապարհորդության ժամանակ լարում էի իմ բոլոր ուժերը միայն այն պատճառով, որ բավականություն էի զգում այդ հետազոտություններում և խիստ փափագում էի մի քանի նոր փաստեր ևս ավելացնել բնապատմական տեղեկությունների հսկայական բազմությանը։ Սակայն ես ղեկավարվում էի նաև փառասիրական մտադրությամբ, այն է՝ իմ տեղն ունենալ գիտնականների շարքում. արդյոք ես ավելի փառասեր էի, քան գիտությամբ զբաղվող իմ ընկերակիցներս, հանձն չեմ առնում դատել։

Սանտ-Յագոյի երկրաբանությունն ապշեցուցիչ է, թեպետ չափազանց պարզ. լավայի հոսանքը տարածվել է ծովի հատակին, որը ծածկված է եղել խեցիների և կորալների բեկորներով, որոնք իրար են կպել ու դարձել կարծր սպիտակ ապար։ Իսկ դրանից հետո ամբողջ կղզին բարձրացել է ծովի մակերևույթի նկատմամբ։ Բայց այդ սպիտակ ապարի շերտը ինձ ընձեռեց մի նոր ու կարևոր փաստ, այն է, որ հետագայում հողը իջել է խառնարանների շուրջը, իսկ վերջիններս հետո գործել են ու լավայի նոր հոսանքներ ժայթքել։ Այդ ժամանակ առաջին անգամ գլխումս միտք ծագեց, որ ես թերևս կգրեմ մի ամբողջ գիրք իմ տեսած երկրների երկրաբանության մասին, և այդ միտքը իմ մեջ առաջացրեց ուրախ հուզմունք։ Երբեք չեմ մոռանա այդ րոպեն, և այժմ էլ դեռ լրիվ պարզությամբ կարող եմ պատկերացնել լավայի ցածլիկ կախվածքը, որի տակ ես հանգստանում էի, մինչդեռ ամեն ինչ շուրջս ողողված էր արևի կիզիչ ճառագայթներով. ժայռերի ծերպերից այստեղ ու այնտեղ դուրս էին ցցվում անապատի արտասովոր բույսերը, իսկ ոտքերիս մոտ՝ տեղատվությունից հետո մնացած լճակներում երևում էին կենդանի կորալները։ Մի քիչ ավելի ուշ մեր ճանապարհորդության ժամանակ Ֆից-Ռոյը ինձ առաջարկեց իրեն կարդալ իմ օրագրից մի քանի հատվածներ և ասաց ինձ, որ այն արժեր հրատարակել։ Դա արդեն ապագայում աչքի առաջ ունեցված երկրորդ գիրքն էր։

Ճանապարհորդության վերջին, երբ մենք Համբարձման կղզու վրա էինք, քույրերիցս նամակ ստացա, որով նրանք ինձ հաղորդում էին, որ Սեջվիկը այցելել է հորս և ասել է նրան, թե ես տեղ կգրավեմ ականավոր գիտնականների մեջ։ Այն ժամանակ ես չէի կարող հասկանալ, թե որտեղից կարող էր նա որևէ բան իմանալ իմ աշխատանքների մասին, սակայն հետո (կարծեմ, շատ ավելի ուշ) ես իմացա, որ Հենսլոն իմ նամակներից մի քանիսի բովանդակությունը հաղորդել է Քեմբրիջի փիլիսոփայական ընկերությանը և տպագրել է դրանք ընկերության անդամների մեջ տարածելու համար։ Բրածո ոսկորների իմ կոլեկցիան, որ ես ուղարկել էի Հենսլոյին, նույնպես իր վրա էր գրավել հնէաբանների ուշադրությունը։ Կարդալով այդ նամակը, ես թռչկոտելով սկսեցի բարձրանալ Համբարձման սարերը, և հրաբխային ժայռերն սկսեցին բարձրաձայն հնչել երկրաբանական մուրճիս տակ։ Այդ ամենը ցույց են տալիս, թե ես որքան փառասեր էի այն ժամանակ, սակայն ինձ թվում է, ես կարող եմ ավելացնել, չմեղանչելով ճշմարտության դեմ, որ հետագա տարիներում, թեև ես բարձր էի գնահատում այնպիսի մարդկանց խրախուսանքը, ինչպիսիք էին Լայելը և Հուկերը, որոնք իմ բարեկամներն էին, իսկ ընդհանրապես հասարակության կարծիքի մասին քիչ էի հոգ տանում։ Ես չեմ սկսի հավատացնել, որ իմ գրքերի մասին մամուլում բարենպաստ գրախոսականը կամ նրանց արագ վաճառքը ինձ բավականություն չէին պատճառում, բայց այդ բավականությունը կարճատև էր, և ես կարող եմ լիակատար վստահությամբ ասել, որ հռչակ ձեռք բերելու համար ոչ մի քայլ անգամ չեմ շեղվել իմ բռնած ուղուց։

ԱՆԳԼԻԱ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԻՑ (1836 թ. հոկտեմբերի 2-ը) ՄԻՆՉԵՎ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՍ (1839 թ. հունվարի 29-ին)։

Այդ երկու տարի և երեք ամիսը իմ ամբողջ կյանքի ամենազբաղված ժամանակաշրջանն էր, թեև ժամանակ առ ժամանակ հիվանդությունն ինձ ստիպում էր ժամանակ կորցնելու։ Շրուսբերիից Մեր, Քեմբրիջ և Լոնդոն մի քանի անգամ գնալ-գալուց հետո՝ ես վերջապես հաստատվեցի Քեմբրիջում (դեկտեմբերի 13-ին), քանի որ իմ հավաքածուները գտնվում էին այնտեղ Հենսլոյի հոգատարության տակ։ Ես այստեղ ապրեցի երեք ամիս, որի ընթացքում պրոֆեսոր Միլլերը հետազոտեց իմ հանքաքարերն ու լեռնային ապարները։

Ես սկսեցի տպագրության համար պատրաստել իմ «Ճանապարհորդության օրագիրը», որը մեծ աշխատանք չպահանջեց, որովհետև օրագրի ձեռագիրը շատ խնամքով էր մշակված, և իմ գլխավոր հոգսը ճանապարհորդության ամենահետաքրքիր արդյունքների համառոտ շարադրումն էր։ Լայելի խնդրանքով ես երկրաբանական ընկերությանը ուղարկեցի համառոտ հաշվետվություն Չիլիի ափերի բարձրացման վերաբերյալ իմ դիտումների մասին։

1837 թ. մարտի 7-ին ես հաստատվեցի Լոնդոնում, Գրետ-Մալբորոստրիտում և այնտեղ ապրեցի համարյա երկու տարի՝ մինչև իմ ամուսնությունը։ Այդ երկու տարվա ընթացքում ես վերջացրի իմ օրագիրը, կարդացի մի քանի զեկուցումներ Երկրաբանական ընկերությունում, սկսեցի տպագրության համար պատրաստել իմ «Երկրաբանական դիտումների» ձեռագիրը և նյութեր հավաքել «Բիգլ»-ով ճանապարհորդության կենդանաբանական արդյունքները» գրքի հրատարակության համար։ Հուլիսին ես սկսեցի իմ առաջին հուշատետրը, որտեղ ես հետո գրանցում էի տեսակների ծագմանը վերաբերող փաստերը։ Վաղուց արդեն ես խորհում էի այդ նյութի մասին, բայց այդ ժամանակից սկսած չդադարեցի նրա վրա աշխատել հետագա քսան տարիների ընթացքում։

Այդ երկու տարիների ընթացքում ես լինում էի հասարակության մեջ, ինչպես նաև կատարում էի Երկրաբանական ընկերության պատվավոր քարտուղարի պաշտոնը։ Շատ հաճախ տեսնվում էի Լայելի հետ։ Նրա առանձնահատկություններից մեկն էր ուրիշի աշխատանքին եռանդուն վերաբերմունքը, ևս ես գրեթե հավասար չափով զարմացած և ուրախացած էի այն հետաքրքրությամբ, որով նա վերաբերվեց Անգլիա վերադառնալուցս հետո իմ կշռադատումներին կորալյան ծովախութերի մասին։ Դա ինձ համար զգալի խրախուսանք էր, և ընդհանրապես նրա օրինակը և նրա խորհուրդները ինձ վրա մեծ ազդեցություն գործեցին։ Այդ ժամանակ ես բավական հաճախ էի տեսնում նաև Ռոբերտ Բրոունին. ես հաճախ կիրակի օրերը այցելում էի նրան՝ նրա վաղ նախաճաշի ժամանակ։ Նրա զրույցները հարուստ էին նրբամիտ նկատումներով և հետաքրքիր դիտողություններով, բայց նրանք սովորաբար շոշափում էին մանրուքներ, և նա ոչ մի անգամ իմ ներկայությամբ որևէ ընդհանուր կամ լայն գիտական հարցի քննարկման մեջ չի մտել։

Այդ երկու տարիների ընթացքում աշխատանքից հանգստանալու նպատակով ես ձեռնարկեցի մի քանի փոքր էքսկուրսիաներ և մեկ հեռավոր էքսկուրսիա դեպի Գլեն-Ռոյի Զուգահեռ ճանապարհները, որի մասին հաշվետվությունը զետեղվել է «Philosophical Transactions»-ում[10]։ Այդ հետազոտությունը իմ խոշոր անհաջողությունն էր, և ես մինչև հիմա ամաչում եմ նրանից։ Ցամաքի բարձրացման վերաբերյալ Հարավային Ամերիկայում իմ կատարած դիտումների խոր տպավորության տակ ես այդ զուգահեռ գծերը ևս վերագրեցի ծովի ներգործությանը, բայց ես ստիպված էի հրաժարվել իմ տեսակետից, երբ Ագասիսը առաջադրեց սառցադաշտային լճերի իր տեսությունը։ Քանի որ այն ժամանակ եղած տվյալների հիման վրա ուրիշ բացատրություն գոյություն չուներ, ուստի ես արտահայտվեցի ծովի քայքայիչ ազդեցության օգտին։ Այդ սխալը ինձ դաս եղավ՝ գիտության մեջ երբեք չղեկավարվել բացառման մեթոդով։

Որովհետև ես ի վիճակի չէի ամբողջ օրը զբաղվել գիտական աշխատանքով, ուստի այդ ժամանակամիջոցում կարողացա կարդալ գիտության ամենաբազմազան ճյուղերին վերաբերող գրքեր, այդ թվում նաև մի քանիսը մետաֆիզիկական բովանդակությամբ. սակայն այդ տեսակ պարապմունքների համար ես պիտանի չէի։ Այդ տարիներում ես մեծ հաճույք էի զգում Ուորդսուորտի և Կոլրիջի բանաստեղծական գրվածքների ընթերցումից, կարող եմ պարծենալ, որ «Excursion»-ը երկու անգամ կարդացել եմ ծայրե-ծայր։ Անցյալում իմ սիրելի ընթերցանությունն էր Միլտոնի «Դրախտ կորուսյալ»-ը և «Բիգլի» վրա ճանապարհորդելիս էքսկուրսիաների ժամանակ, երբ ես կարող էի ինձ հետ միայն մի հատոր վերցնել, ապա դա միշտ Միլտոնն էր։

ԻՄ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ (1839 թ. հունվարի 29-ին) ԵՎ UPPER GOWER STREET ՓՈՂՈՑՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԻՑ ՄԻՆՉԵՎ ԼՈՆԴՈՆԻՑ ՄԵԿՆՈՒՄԸ ԵՎ ԴԱՈՒՆՈԻՄ ՀԱՍՏԱՏՎԵԼԸ (1842 թ. սեպտեմբերի 14-ին)։

Իր երջանիկ ամուսնության և երեխաների մասին մի քանի խոսք ասելուց հետո Չ. Դարվինը շարունակում է[11]։

Լոնդոնում մեր կյանքի երեք տարվա և ութ ամսվա ընթացքում ես գիտական աշխատանքի իմաստով ավելի քիչ արեցի, քան իմ կյանքի ընթացքում նույնպիսի տևողության մի այլ ժամանակամիջոցում, թեև աշխատում էի շատ եռանդով։ Դրա պատճառը հաճախակի տկարությունս էր և մեկ լուրջ, երկարատև հիվանդություն։ Ժամանակի մեծ մասը ես նվիրում էի «Կորալյան ծովախութեր» իմ աշխատությանը, որը սկսել էի դեռ մինչև ամուսնությունս, նրա վերջին սրբագրությունը ես ավարտել էի 1842 թ. մայիսի 6-ին։ Այդ գիրքը, չնայած նրա փոքր ծավալին, ինձ նստել էր քսան ամսվա լարված աշխատանք, որովհետև ես կարդացի այն ամենը, ինչ որ հայտնի էր Խաղաղ օվկիանոսի կղզիների մասին, և աչքի անցկացրի բազմաթիվ քարտեզներ։ Գիտության մարդիկ բարձր կարծիքի էին այդ գրքի մասին, իսկ նրանում շարադրված տեսությունը, կարծեմ, կարելի է համարել ամուր կերպով հաստատված։

Իմ աշխատանքներից ոչ մեկը չի սկսվել այնպիսի առավելապես դեդուկտիվ ուղղությամբ, ինչպես այդ, որովհետև ամբողջ տեսությունը խորհրդածելով եմ գրել, երբ Հարավային Ամերիկայի արևմտյան ափում էի և դեռ չէի տեսել ոչ մի իսկական կորալյան ծովախութ։ Ինձ մնում էր միայն ստուգել և ընդարձակել իմ հայացքները կենդանի ծովախութերի մանրազնին ուսումնասիրությամբ։ Բայց պետք է նկատել, որ նախորդ երկու տարիների ընթացքում ես անընդհատ դիտում էի Հարավային Ամերիկայի ափերում ցամաքի բարձրացման ազդեցությունը՝ կապված նստվածքային կուտակումների մերկացման և գոյացման հետ։ Դա, իհարկե, ստիպեց շատ խորհել իջնելուց առաջացող հետևանքների մասին, և մի քիչ էլ հարկավոր էր երևակայություն, որպեսզի նկատեի նստվածքների անընդհատ կուտակումը կորալների աճի միջոցով։ Հենց դրանում էլ կայանում էր կորալյան բարիերների և ատոլների առաջացման ամբողջ տեսությունը։

Լոնդոնում իմ ապրած ժամանակ, բացի կորալյան ծովախութերի մասին գրված աշխատանքից, Երկրաբանական ընկերությունում ես կարդացի զեկուցումներ՝ «Էռատիկ գլաքարերը Հարավային Ամերիկայում», «Երկրաշարժերը» և «Անձրևաորդերի գործունեությամբ հողաշերտի առաջացման» մասին։ Ես շարունակում էի նաև «Բիգլ»-ով ճանապարհորդության կենդանաբանական արդյունքների» հրատարակությանը հետևել։ Չէի ընդհատում նաև տեսակների ծագման վերաբերող փաստեր հավաքելը, և հաճախ կարողանում էի այդ պարապմունքները շարունակել նույնիսկ այն ժամանակ, երբ հիվանդությունս ինձ խանգարում էր որևէ այլ բանով զբաղվելու։

1842 թ. ամառը ես ինձ ավելի պինդ էի զգում, քան ամբողջ վերջին ժամանակ, և առանց կողմնակի օգնության մի փոքրիկ ուղևորություն ձեռնարկեցի դեպի Հյուսիսային Ուելս՝ նպատակ ունենալով դիտել այն հին սառցադաշտերի ներգործությունը, որոնք մի ժամանակ լցրած են եղել բոլոր ընդարձակ հովիտները։ Այդ էքսկուրսիայի մասին համառոտ հաշվետվությունը զետեղված է «Philosophical Magazine»-ում։ Այդ էքսկուրսիան ինձ շատ հետաքրքրեց, և դա իմ կյանքում վերջին անգամ էր, որ ես ինձ բավականաչափ ուժեղ էի զգում, որպեսզի մագլցեմ լեռների վրայով կամ ընդհանրապես ձեռնարկեմ հեռավոր զբոսանքներ, որոնք անխուսափելի են երկրաբանական հետազոտությունների ժամանակ։

Լոնդոնում մեր կյանքի առաջին ժամանակաշրջանում ես բավականաչափ ուժ ունեի, որպեսզի լինեի հասարակության մեջ, և տեսնվում էի շատ գիտնականների և առհասարակ աչքի ընկնող մարդկանց հետ։ Կբերեմ իմ որոշ տպավորությունները, թեև ուշադրության առանձնապես արժանի որևէ բան հազիվ թե կարողանամ հաղորդել։

Ինչպես մինչև իմ ամուսնությունը, այնպես էլ նրանից հետո ես ամենից շատ տեսնվում էի Լայելի հետ։ Նրա խելքը, ինչպես ինձ միշտ թվում էր, աչքի էր ընկնում դատողության պայծառությամբ, զգուշավորությամբ, զգաստությամբ և զգալի աստիճանի յուրօրինակությամբ։ Յուրաքանչյուր անգամ, երբ ես նրա ուշադրությունը հրավիրում էի երկրաբանական որևէ հարցի վրա, նա չէր հանգստանում, մինչև որ հարցը լիովին չէր պարզում, և հաճախ բանը ինձ համար էլ դառնում էր ավելի պարզ, քան մինչև այդ։ Նա առաջ էր քաշում բազմապիսի առարկություններ իմ արած ենթադրությունների դեմ, և նույնիսկ այն ժամանակ, երբ նա կարծես դրանք սպառել էր, դեռևս շարունակում էր կասկածել։ Նրա մյուս առանձնահատկությունն էր ջերմ համակրանքը ուրիշի գիտական աշխատանքին[12]։

«Բիգլ»-ով ճանապարհորդությունից վերադառնալուց հետո ես նրան ծանոթացրի կորալյան ծովախութերի վերաբերյալ իմ տեսակետներին, որոնք բոլորովին տարբերվում էին նրա սեփական տեսակետներից, և ինձ չափազանց զարմացրեց ու խրախուսեց այն աշխույժ հետաքրքրությունը, որ նա ցուցաբերեց իմ տեսության նկատմամբ։ Գիտական պարապմունքները նրան ամենամեծ բավականություն էին պատճառում, և նա շատ համակրանքով էր վերաբերվում այն բոլորին, որը առնչություն ուներ մարդկության առաջադիմության հետ։ Նա շատ բարի էր և լիակատար ազատամիտ մտածելակերպի տեր կրոնական հավատալիքների իմաստով, կամ ավելի շուտ, ազատ էր կրոնական հավատալիքներից, բայց նա խորապես համոզված աստվածադավան էր։ Զարմանալի էր նրա ազնվասրտությունը։ Հատկապես այդ նա ցուցաբերեց արդեն ծերության օրերին՝ դառնալով օրգանիզմների բնական ծագման ուսմունքի կողմնակից, և այդ այն բանից հետո, երբ անհամաձայնությունը Լամարկի հայացքներին նրան մեծ հռչակ էր բերել։ Նա ինձ հիշեցրեց այդ առթիվ, թե ինչպես այդ ժամանակից շատ տարիներ առաջ, երբ նրա հետ միասին քննարկում էինք հին դպրոցի երկրաբանների ցուցաբերած ընդդիմադրությունը նրա նոր հայացքներին, ես ասել եմ իրեն. «Լավ կլիներ, եթե գիտնականները մեռնեին վաթսուն տարեկան հասակում, որովհետև այդ ժամկետից հետո նրանք հավանորեն կարող են միայն դիմադրել ամեն մի նոր ուսմունքի»։ Եվ միաժամանակ նա ավելացրեց, որ այժմ իրեն գուցե կթույլատրվի ավելի ևս երկար ապրել։

Երկրաբանության ասպարեզում Լայելի ծառայությունները հսկայական են. աշխարհում ոչ մի մարդ նրա համար այն չի արել, ինչ որ արեց Լայելը։ Երբ ես «Բիգլ»-ով ճանապարհորդելու էի ուղևորվում, խորաթափանց Հենսլոն, որը, ինչպես նաև այն ժամանակի բոլոր երկրաբանները, կատակլիզմների կողմնակից էր, ինձ խորհուրդ տվեց ձեռք բերել և ուշադրությամբ ուսումնասիրել դեռ նոր լույս տեսած «Principles»-ի առաջին հատորը, բայց ոչ մի դեպքում չհամակվել այնտեղ պաշտպանված տեսակետներով։ Որքա՜ն տարբեր կլիներ ժամանակակից ամեն մի երկրաբանի գնահատականը։ Հպարտությամբ եմ հիշում, որ առաջին իսկ երկրաբանական էքսկուրսիան, այն է՝ Սանտ-Յագոյի վրա, Կանաչ հրվանդանի արշիպելագում, ինձ համոզեց, որ Լայելի տեսակետները անչափ գերազանցում էին այն բոլորին, ինչ որ հանդիպել էր ինձ ծանոթ երկրաբանական որևէ այլ գրվածքում։

Լայելի աշխատությունների հզոր ազդեցությունը անցյալ ժամանակում արդեն ակնառու կերպով դրսևորվեց այն տարբերության մեջ, որ ներկայացնում էին երկրաբանության հաջողությունները Ֆրանսիայում և Անգլիայում։ Այն լիակատար մոռացությունը, որին տրվեցին Էլի դը-Բոմոնի վայրենի հիպոթեզները «Խառնարանների բարձրացման» և «Գծերի բարձրացման» մասին (և ես հիշում եմ, թե ինչպես Սեջվիկը այդ վերջին հիպոթեզը երկինք էր բարձրացնում Երկրաբանական ընկերությունում), պետք է մեծ չափով վերագրել Լայելին։

Հաճախ ես տեսնվում էի նաև Ռոբերտ Բրոունի հետ, այդ Facile Princeps Botanicorum[13]-ի հետ, ինչպես նրան անվանել է Հումբոլդտը, նրանում ինձ զարմացնում էին դիտելու նրբությունը և անտարակուսելի ճշտությունը։ Նրա գիտելիքները հսկայական էին և նրանց մեծ մասը մեռավ նրա հետ մեկտեղ այն պատճառով, որ նա երբեք չկարողացավ ազատվել որևէ բանում սխալվելու վախից։ Նա առանց քաշվելու ինձ հաղորդում էր իր գիտելիքները, բայց որոշ բաների վերաբերմամբ շատ խանդոտ էր։ Դեռ մինչև «Բիգլ»-ով ճանապարհորդելը ես նրան այցելել էի երկու կամ երեք անգամ, և մի անգամ նա ինձ առաջարկեց նայել մանրադիտակով և ասել, ինչ որ կտեսնեմ այնտեղ։ Ես կատարեցի նրա ցանկությունը, և հիմա ինձ թվում է, թե իմ տեսածը պրոտոպլազմայի շարժման զարմանալի երևույթն էր որևէ բուսական բջջում։ Ես հարցրի նրան, թե այս ինչ է, բայց նա սահմանափակվեց պատասխանելով. «Այդ իմ փոքրիկ գաղտնիքն է»։

Նա ընդունակ էր ամենամեծահոգի վարմունքի։ Զառամյալ հասակում, երբ հիվանդ էր ու չէր դիմանում որևէ ավելորդ հոգնության, նա (Հուկերի ասելով) ամեն օր այցելում էր իրենից բավական հեռու ապրող իր ծեր ծառային (որին նյութապես օժանդակում էր) և բարձրաձայն կարդում նրա համար։ Միայն այդ բավական է, որպեսզի ներվեն որևէ աստիճանի գիտական ժլատությունը և այն վախը, թե չլինի որևէ մեկը կյուրացնի իր հայտնագործությունը։

Կարող եմ այստեղ հիշատակել նաև ուրիշ ականավոր մարդկանց մասին, որոնց հետ պատեհություն ունեի հանդիպելու, թեպետ և նրանց մասին քիչ բան կարող եմ ասել։ Ես խոր հարգանք էի տածում դեպի սըր Ջ. Հերշելը և ես հրճվում էի, երբ ինձ վիճակվեց ճաշել նրա մոտ Բարեհուսո հրվանդանում նրա սքանչելի տանը, իսկ ավելի ուշ նրա լոնդոնյան տանը։ Հանդիպել եմ նրա հետ մի քանի անգամ նաև այլ դեպքերում։ Նա զրուցասեր չէր, բայց նրա արտասանած ամեն մի խոսքը արժանի էր ուշադրության։

Մի անգամ սըր Ռ. Մուրչիսոնի մոտ նախաճաշի ժամանակ ես հանդիպեցի հռչակավոր Հումբոլդտին, որը ինձ պատվեց՝ ցանկություն հայտնելով ծանոթանալու ինձ հետ։ Մեծ մարդու հետ այդ հանդիպումս ինձ մի քիչ հիասթափեցրեց, բայց երևի իմ ակնկալությունները խիստ չափազանցված էին։ Ես ոչ մի հիշողություն չեմ պահել այդ տեսակցության մասին, միայն հիշում եմ, որ Հումբոլդտը շատ ուրախ էր և շատ էր շաղակրատում։

Նա ինձ հիշեցնում է Բոկլին, որին ես տեսել եմ Հենսլեյ Վեջվուդի մուտ։ Ես շատ ուրախ էի, լսելով նրանից փաստեր հավաքելու նրա մեթոդի մասին։ Նա ինձ բացատրեց, որ գնում է այն գրքերը, որոնք կարդալու է, և յուրաքանչյուրի համար կազմում է իրեն պիտանի փաստերի ցանկը։ Նա պատմեց նաև, որ միշտ կարող է ցույց տալ, թե ո՛ր գրքում է կարդացել այս կամ այն գիտելիքը, որովհետև նա զարմանալի հիշողություն ուներ։ Ես հարցրի նրան, հապա ինչպես կարող էր նա առաջուց իմանալ, թե որ փաստերը իրեն պիտանի կլինեն, դրան նա պատասխանեց, որ ինքն էլ չգիտե ինչպես, բայց այդ ժամանակ ղեկավարվել է ինչ-որ բնազդով։ Իր գրքերը ցանկերով օժտելու այդ սովորության շնորհիվ էլ նա կարողացավ ամենատարբեր նյութերի շուրջը բերել այն բազմաթիվ վկայակոչումները, որոնցով հարուստ է նրա «Քաղաքակրթության պատմությունը»։ Ես այդ գիրքը համարում էի չափազանց հետաքրքիր և այն կարդացի երկու անգամ, բայց չեմ կարծում, թե նրա ընդհանրացումները որևէ արժեք ունենային։ Բոկլը շատ խոսող էր, և ես գրեթե լուռ լսում էի նրան, դե ես չէի էլ կարող խոսել, որովհետև նա խոսակցին հնարավորություն չէր տալիս իր խոսքն ասելու։ Երբ միստրիս Ֆառեռը սկսեց երգել, ես վեր թռա և ասացի, որ ուզում եմ լսել նրան։ Իմ հեռանալուց հետո նա ասել է մի ծանոթի (մոտիկ կանգնած եղբայրս ինքը լսել է այդ). «Է՜հ, միստր Դարվինի գրքերը շատ ավելի լավ են, քան նրա խոսակցությունը»։

Մյուս հայտնի գրողներից ես մի անգամ ավագ քահանա Միլմոնի մոտ հանդիպել եմ Սիդնեյ Սմիտին։ Նրա ամեն մի խոսքի մեջ կար ինչ-որ անարտահայտելի ծիծաղաշարժ բան։ Թերևս դրա պատճառն այն էր, որ նրանից միշտ սպասում էին որևէ զվարճալի խոսք։ Այսպես, մի անգամ նա պատմեց պառավիկ լեդի Կորկի մասին, թե նա այնպես սրտաշարժվել էր նրա մի քարոզից, որ հարևանուհուց պարտք էր վերցրել մի գինեա, որպեսզի դնի աղքատների համար ափսեի վրա, և ավելացրեց. «It is generally believed that my dear old friend Lady Cork has been owerlooked»[14], և նա այդ ասեց արտահայտման այնպիսի աննշմարելի երանգով, որը ամեն մեկին հասկանալի էր դարձնում նրա ակնարկությունը, որ իբրև թե սատանան մոռացել է հարգելի պառավիկին։ Բայց թե ինչպես կարողացավ այդպիսի տպավորություն թողնել ունկնդիրների վրա, ինձ համար գաղտնիք մնաց։

Մի անգամ լորդ Ստենհոպի (պատմաբանի) տանը ես հանդիպեցի Մակոլեի հետ և որովհետև բացի նրանից ճաշին ներկա էր միայն մեկ հյուր, ուստի ես հազվադեպ առիթ ունեցա հաճույք ստանալու նրա զրույցից։ Նա այնքան էլ շատ չէր խոսում և չէր էլ կարելի գանգատվել այն մարդու շատախոսությունից, որը միշտ թույլ է տալիս զրույցն ուղղել նրա խոսակցին հետաքրքրող հարցերի վրա։ Այսպես, լորդ Ստենհոպը ինձ առիթ տվեց համոզվելու, որ Մակոլեյը աչքի էր ընկնում հիշողության զարմանալի ճշտությամբ և հարստությամբ։ Լորդ Ստենհոպի մոտ հավաքվում էին շատ պատմաբաններ և ծագած վեճերում հաճախ պատահում էր, որ ոչ բոլորը համաձայնում էին Մակոլեի կարծիքին, ընդ որում դիմում էին գրքերին՝ առաջացած տարաձայնությունները ստուգելու համար, բայց շուտով բոլորը հրաժարվեցին այդ ավելորդ նեղությունից, որովհետև Մակոլեի ասածը միշտ ճիշտ էր լինում։

Պատմաբանների նման մի հավաքույթում ես հանդիպեցի Մոտլեի և Գրոտի հետ։ Նախաճաշից հետո ես համարյա մի ամբողջ ժամ զբոսնում էի Գրոտի հետ Շեվենինգ պարկում և գրավվել էի նրա հետաքրքիր զրույցով, պարզությամբ և նրա վարվեցողության համեստությամբ։

Անցած տարիներին պատահել է, որ ճաշել եմ ծեր կոմսի՝ պատմաբանի հոր մոտ, նա աչքի էր ընկնում իր տարօրինակություններով, սակայն, որքան ես նրան գիտեի, նա ինձ շատ դուր էր գալիս։ Նա շատ անկեղծ էր, ուրախ և վարվեցողությամբ հաճելի, աչքի էր ընկնում խիստ արտահայտված դիմագծերով, թուխ մաշկով և կրում էր իր դեմքի գույնին նման հագուստ։ Նա, ըստ երևույթին, տարբերվում էր նրանով, որ հավատում էր այն ամենին, ինչ որ սովորական մարդկանց մեջ կասկած է հարուցում։ Մի անգամ նա ինձ հարցրեց։ «Ինչո՞ւ դուք չեք թողնում ձեր այդ բոլոր երկրաբանական և կենդանաբանական դատարկությունները և չեք զբաղվում օկուլտական (խորհրդավոր) գիտություններով»։ Պատմաբանին, որ այդ ժամանակ կոչվում էր լորդ Մեհոն, խորապես վրդովեց այդ նկատողությունը, իսկ նրա հմայիչ կնոջը այն շատ զվարճացրեց։

Վերջին մարդը, որի մասին կհիշատակեմ, Կարլեյլն էր։ Ես նրան տեսել եմ մի քանի անգամ եղբորս մոտ և երեք անգամ ինձ մոտ։ Նրա խոսակցությունը նույնպես հետաքրքիր էր և նույնպես շողշողում էր սրամտությամբ, ինչպես և նրա գրվածքները, բայց երբեմն շատ երկար էր խոսում միևնույն նյութի մասին։ Հիշում եմ մի ճաշկերույթ եղբորս մոտ, որտեղ հրավիրվածների թվում էին Բաբեջը և Լայելը՝ երկուսն էլ զրուցասերներ։ Բայց Կարլեյլը հարկադրեց նրանց լռել, որովհետև ամբողջ ճաշի ընթացքում առանց լռելու քարոզում էր լռության առավելության մասին։ Ճաշից հետո Բաբեջը ամենալուրջ տեսքով շնորհակալություն հայտնեց Կարլեյլին լռության մասին նրա հետաքրքիր դասախոսության համար։

Չկար մի մարդ, որի վրա Կարլեյլը չծիծաղեր։ Մի անգամ, ինձ մոտ գտնվելով, նա Գրոտի պատմությունը անվանեց «հոտած ճահիճ», «ոչ մի սրամիտ բան չներկայացնող»։ Մինչև նրա «Հուշեր»-ի երևան գալը ես նրա բոլոր ծաղրանքները կիսով չափ կատակ էի համարում, բայց այժմ այդ կասկածելի է թվում։ Նա ընդհանրապես վհատված, գրեթե անօգնական, բայց այդ բոլորով հանդերձ բարեհոգի մարդու տպավորություն էր թողնում և արժանի է նկատելու, թե ինչպես անկեղծորեն, սրտանց ծիծաղում էր նա։ Ես կարծում եմ նրա բարեհոգությունը անկեղծ էր, թեև նախանձի ոչ սակավ երանգով։ Իհարկե, ոչ ոք չի կասկածում մարդկանց ու դեպքեր պատկերելու նրա արտասովոր ընդունակության վրա, դրանում, իմ կարծիքով, նա շատ ավելի էր գերազանցում Մակոլեին։ Բայց արդյո՞ք ճիշտ էին մարդկանց պատկերումները նրա կողմից, դա դեռ հարց է։

Այն ուժը, որով նա կարողանում էր մարդկանց ներշնչել բարոյագիտական մեծ ճշմարտություններ, բացառիկ էր։ Մյուս կողմից՝ նրա հայացքները ստրկության նկատմամբ զայրացուցիչ էին։ Նրա կարծիքով ուժը իրավունք էր։ Նրա խելքը ինձ միշտ չափազանց նեղ էր թվում, եթե նույնիսկ ուշադրության չառնեինք նրա վերաբերմունքը դեպի գիտությունը, որը նա արհամարհում էր։ Բացարձակապես անհասկանալի է, թե ինչպես Կինգսլեյը կարող էր նրա մասին կարծիք հայտնել, որ նա կարող էր շարժել գիտությունը։ Նա արհամարհանքով ծանակում էր այն միտքը, որ մաթեմատիկոսը, ինչպիսին է Յուելը, կարող է հաջող կերպով դատել Գյոթեի հայացքների մասին,— այդ միտքը ես հայտնեցի նրա հետ խոսելիս։ Նա պարզապես ծիծաղելի էր համարում, որ մարդիկ կարող էին հետաքրքրվել, թե սառցադաշտերը ինչպիսի արագությամբ են շարժվում և ընդհանրապես նրանք արդյո՞ք շարժվում են։ Որքան ես կարող եմ դատել, կյանքումս չեմ հանդիպել մի մարդու, որն այդ աստիճանի անընդունակ լիներ գիտական հետազոտությունների համար։

Ապրելով Լոնդոնում, ես, ըստ հնարավորության, հաճախում էի գիտական ընկերությունները և կատարում երկրաբանական ընկերության քարտուղարի պաշտոնը։ Բայց այդ հաճախումները և ընդհանրապես հասարակության շրջանում ապրելը չէին համապատասխանում իմ առողջական վիճակին, իսկ որովհետև մենք, այսինքն՝ կինս և ես, գերադասում էինք գյուղական կյանքը, ուստի և վճռեցինք տեղափոխվել գյուղ, որի համար երբեք առիթ չենք ունեցել զղջալու։

ԿՅԱՆՔՍ ԴԱՈՒՆՈՒՄ (սկսած 1842 թ. սեպտեմբերի 14-ից) ՄԻՆՉԵՎ ՆԵՐԿԱ ԺԱՄԱՆԱԿ (1876 թ.)

Սյոռեյում և այլ տեղերում մի քանի ապարդյուն որոնումներից հետո, մենք, վերջապես, գտանք այս տունը և գնեցինք այն։ Ես գոհ էի բուսականության բազմազանությունից, որը հատուկ է կավճային հողին և բոլորովին տարբերվում է նրանից, որին ես սովոր եմ միջին կոմսություններում, իսկ ավելի ևս դուր եկավ այդտեղի անդորրությունը, իսկական գյուղական բնույթը։ Բայց միևնույն ժամանակ այդ վայրը այնքան էլ խուլ չէ, ինչպես այն նկարագրում է մի գրող ինչ-որ գերմանական ամսագրում. նրա ասելով՝ այստեղ գալ հնարավոր է միայն ջորիներին մատչելի շավիղով։ Մեր ընտրությունը առանձնապես հաջող դուրս եկավ մի տեսակետից, որը մենք չէինք էլ կարող նախատեսել, այն է՝ այդ տեղը չափազանց հարմար է նրա համար, որ մեր զավակները կարողանում են հաճախ այցելել մեզ։

Քիչ մարդկանց է վիճակվել վարել այնպիսի առանձնացրած կյանք, ինչպիսին է մեր կյանքը։ Բացի կարճատև ուղևորություններից ազգականներիս մոտ, ծովափ և էլի որևէ տեղ, մենք բոլորովին չէինք շրջագայում։ Այստեղ մեր ապրելու առաջին շրջանում մենք լինում էինք հասարակության մեջ և մեզ մոտ ընդունում էինք սակավաթիվ բարեկամներ։ Բայց իմ առողջությունը համարյա միշտ տուժում էր հասարակության մեջ զգացած գրգռումից և դրա հետևանքով ունենում էի ուժգին դողի և ործկոցի նոպաներ։ Այդ պատճառով ես երկար ժամանակ հյուր գնալիս չէի կարողանում ճաշել, և այդ ինձ համար իսկական զրկանք էր, որովհետև հետաքրքիր հասարակության մեջ ճաշկերույթները իմ տրամադրությունը միշտ լավացնում էին։ Դարձյալ այդ պատճառով ես միայն երբեմն կարողանում էի այստեղ հրավիրել իմ գիտնական բարեկամներին։

Իմ գլխավոր զվարճությունն ու միակ զբաղմունքն ամբողջ կյանքիս ընթացքում գիտական աշխատանքներն էին, և նրանց առաջացրած խանդավառությունը ստիպում էր ինձ միաժամանակ մոռանալ կամ նույնիսկ բոլորովին վերացնում էր իմ սովորական տկարությունները։ Այսպիսով, բոլորը, ինչ որ կարող եմ ասել իմ հետագա կյանքի մասին, վերաբերում է միայն տպագիր աշխատություններին։ Գուցե նրանց առաջացման վերաբերյալ որոշ մանրամասնությունների վրա արժե կանգ առնել։

Իմ տպագրված աշխատությունները։ 1844 թ. սկզբին հրատարակվեցին իմ դիտումները հրաբխային այն կղզիների մասին, որոնց վրա ես եղել էի «Բիգլ»-ով նավարկելու ժամանակ։ 1845 թ. ես շատ աշխատանք թափեցի «Օրագրի» երկրորդ հրատարակության վրա, որի առաջին հրատարակությունը, որ լույս էր տեսել 1839 թվականին, մտել էր Ֆից-Ռոյի աշխատության կազմի մեջ։ Այդ իմ գրական առաջնեկի հաջողությունը մինչև հիմա էլ ավելի շատ է շոյում իմ ինքնասիրությունը, քան իմ մնացած գրքերը։ Նույնիսկ մինչև այժմ Անգլիայում և Միացյալ Նահանգներում այդ գրքի զգալի պահանջ կա. լույս են տեսել երկու գերմաներեն և երկու ֆրանսերեն, ինչպես նաև այլ լեզուներով թարգմանություններ[15]։ Բացառապես գիտական հարցերին նվիրված ճանապարհորդական գրքի այդ հաջողությունը, նրա առաջին լույս ընծայումից այդքան տարի անցնելուց հետո, արժանի է զարմանքի։ Երկրորդ հրապարակությունը տասը հազար օրինակով տարածվել է Անգլիայում։ 1846 թվականին հրատարակվել են իմ «Երկրաբանական դիտումները Հարավային Ամերիկայում»։ Փոքրիկ օրագրում, որը ես միշտ պահում էի, կա հետևյալ նշումը. «Երկրաբանության վերաբերյալ իմ երեք գրքերը («Կորալյան ծովախութերը» ներառյալ) չորս ու կես տարվա լարված աշխատանք են կլանել, իսկ Անգլիա վերադարձիս ժամանակից անցել է տասը տարի։ Որքա՜ն ժամանակ եմ կորցրել մշտական հիվանդությանս պատճառով։ Այդ գրքերի մասին ես կարող եմ միայն ասել, որ ի զարմանս իմ, վերջերս պահանջվեց նրանց երկրորդ հրատարակումը։

1846 թ. հոկտեմբերին ես սկսեցի իմ աշխատությունը «Փնջոտնյա խեցգետինների» մասին։ Չիլիի ափերին ես գտա մի չափազանց հետաքրքիր ձև, որը ծակել էր Concholepas-ի խեցին և այնքան էր տարբերվում մնացած փնջոտնյաներից, որ ես ստիպված էի նրան դասել առանձին ենթակարգում։ Ավելի ուշ նույնպես խեցիներ ծակող մի նման սեռ գտնված է Պորտուգալիայի ափերում։ Իմ նոր փնջուտնյայի կառուցվածքը պարզելու համար ես ստիպված էի զբաղվել սովորական ձևերից շատերի անատոմիայով. այդ ինձ հետզհետե հանգեցրեց ամբողջ խմբի ուսումնասիրմանը։ Ութ տարվա ընթացքում ես համառորեն աշխատում էի այդ առարկայի վրա և հրատարակել երկու ստվար հատոր, որոնք բովանդակում էին բոլոր կենդանական տեսակների նկարագրությունը, և երկու բարակ, in quarto, բնաջնջված տեսակների նկարագրությամբ։ Ես չեմ կասկածում, որ սըր Է. Լիտտոն Բուլվերը հատկապես ինձ էր նկատի ունեցել, իր վեպերից մեկում դուրս բերելով ոմն պրոֆեսոր Լոնգի, որը գրել է երկու ահռելի հատորներ խեցիների մասին։

Թեև ես այդ աշխատության վրա ծախսել եմ ութ տարի, բայց իմ օրագրում նշված է, որ այդ ժամանակից երկու տարի կորսված են հիվանդությանս պատճառով։ Այդ առթիվ 1848 թվականին ես սկսեցի Մալվերնում ընդունել ջրաբուժում, որը տևեց մի քանի ամիս և ինձ մեծ օգուտ տվեց, այնպես որ տուն վերադառնալով, ես կարող էի նորից աշխատանքի ձեռնամուխ լինել։ Իմ առողջությունը այնքան վատ էր, որ երբ 1848 թ. նոյեմբերի 13-ին մեռավ իմ սիրելի հայրը, ես չկարողացա ոչ ներկա լինել նրա թաղմանը, ոչ էլ որպես կտակակատար մասնակցել կտակի իրագործմանը։

Իմ աշխատությունը փնջոտնյաների մասին, ես կարծում եմ, զգալի արժեք է ներկայացնում, որովհետև բացի մի քանի նոր և նշանակալի ձևերի նկարագրությունից, ես պարզաբանեցի զանազան օրգանների հոմոլոգիան, հայտնաբերեցի ցեմենտային ապարատը,— թեև շատ խառնաշփոթեցի ցեմենտ արտադրող գեղձերի առթիվ,— և, վերջապես, ապացուցեցի մի քանի սեռերի մոտ լրացուցիչ փոքրիկ արուների գոյությունը, որոնք պարազիտում են հերմաֆրոդիտ անհատների վրա։ Այս վերջին հայտնագործությունը հետագայում լիովին հաստատվեց, թեև կար ժամանակ, երբ գերմանական մի հեղինակ բարեհաճել էր նրանց գոյությունը վերագրել բացառապես իմ բեղմնավոր երևակայությանը։ Փնջոտնյաները ներկայացնում են տեսակների մի խումբ, որոնք խիստ ձևափոխվում են և չափազանց դժվար են ենթարկվում դասակարգման և այդ աշխատությունը ինձ մեծ ծառայություն մատուցեց, երբ «Տեսակների ծագման» մեջ քննարկում էի բնական դասակարգման հիմունքները։ Այնուամենայնիվ ես կասկածում եմ, թե արդյոք արժե՞ր այդքան ժամանակ ծախսել այդ աշխատության վրա։

1854 թվականի սեպտեմբերից սկսած, ես իմ ամբողջ ժամանակը նվիրում էի իմ նշումների ահռելի կույտը կարգի բերելուն և տեսակների ձևափոխության հարցի վերաբերյալ դիտումներին և փորձերին։ «Բիգլ»-ով ճանապարհորդելու ժամանակ ինձ վրա ուժեղ տպավորություն գործեցին պամպասային ֆորմացիաներում բրածո հսկայական կենդանիների գյուտերը, որոնք ծածկված էին ժամանակակից զրահակիր նավերի զրահին նմանվող զրահով։ Այնուհետև իմ ուշադրությունը գրավեցին այն փաստերը, որ մայր ցամաքով դեպի հարավ շարժվելու հետ զուգընթաց կենդանական միանման ձևերը աստիճանաբար փոխարինում են մեկը մյուսին և, վերջապես, Գալապագոս արշիպելագի բնական արտադրանքների հարավ-ամերիկյան բնույթը և մանավանդ այն թեթև տարբերությունները, որ ներկայացնում էին յուրաքանչյուր առանձին կղզու բնակիչները։ Ընդսմին կղզիներից ոչ մեկը աչքի չէր ընկնում իր հնությամբ երկրաբանական իմաստով։

Ակնհայտ է, որ այդ փաստերը և դրանց նման շատերը կարելի է բացատրել միայն ելնելով այն ենթադրությունից, որ տեսակները աստիճանաբար փոփոխվում են, և այդ հարցը այն ժամանակից անդադրում կերպով հետապնդում էր ինձ։ Սակայն հավասար չափով ակնհայտ է, որ ոչ շրջապատող պայմանների ազդեցությունը, ոչ էլ օրգանիզմի կամքը (մանավանդ բույսերի մասին խոսելիս) չեն կարողացել բացատրել օրգանիզմների իրենց կենսակերպին զարմանայի հարմարման անթիվ դեպքերը, ինչպիսիք են փայտփորի կամ ծառերի վրայով ծառագորտի մագլցելու և կամ կեռիկների ու թևերի օգնությամբ սերմերի տարածվելու հարմարումները։ Ինձ միշտ զարմացնում էին այդ հարմարումները, և քանի դեռ գտնված չէր նրանց բացատրությունը, ինձ անօգուտ էր թվում տեսակների փոփոխականության օգտին անուղղակի վկայություններ կուտակելը։

Վերադառնալով Անգլիա, ես վճռեցի, որ հետևելով Լայելի օրինակին երկրաբանությունում և հավաքելով փաստեր, որոնք որևէ առնչություն ունեն կենդանիների և բույսերի փոփոխականության երևույթների հետ ինչպես ընտանեցման, այնպես էլ բնական վիճակում, կարելի կլիներ լույս սփռել այդ ամբողջ լայնածավալ առարկայի վրա։ Առաջին հուշատետրը սկսել եմ 1837 թվականին։ Ես աշխատում էի իսկական բեկոնյան ոգով, առանց որևէ կանխաստեղծ տեսության, հավաքելով գլխավորապես արհեստական ցեղերին վերաբերող շատ հարուստ փաստեր, օգտագործելով ինչպես տպագրված աղբյուրները, այնպես էլ փորձված անասնաբույծների ու պարտիզագործների հետ կապերը և ամենաընդարձակ ընթերցանությունը։ Երբ ես աչքի եմ անցկացնում այն ամենաբազմազան գրքերի ցուցակը, որոնք ես կարդացել եմ և որոնցից քաղվածքներ եմ արել, ներառյալ գիտական ընկերությունների ամսագրերի և աշխատությունների ամբողջ սերիաները, ես ինքս զարմանում եմ իմ աշխատասիրության վրա։ Ես շատ շուտ համոզվեցի, որ կենդանիների և բույսերի օգտակար ցեղերի ստեղծման գործում մարդու հաջողության գրավականը գտնվում է ընտրության մեջ։ Բայց դրանից հետո դեռ երկար ժամանակ ինձ համար գաղտնիք էր մնում, թե ինչ ձևով ընտրության սկզբունքը կարող է կիրառվել բնական վիճակում ապրող օրգանիզմների նկատմամբ։

1838 թվականի հոկտեմբերին, տասնհինգ ամիս հետո, ինչ ես սկսեցի իմ սիստեմատիկ հետազոտությունը, ես զվարճության համար կարդացի Մալթուսի «Ազգաբնակչության մասին» գիրքը։ Բույսերի և կենդանիների կենսակերպի վերաբերյալ երկարատև դիտումներով նախապատրաստված լինելով, ես գնահատեցի գոյության համար ամենուրեք մղվող կռվի նշանակությունը և իսկույն ինձ ապշեցրեց այն միտքը, որ այդպիսի պայմաններում օգտակար փոփոխությունները պետք է պահպանվեն, իսկ անօգուտները ոչնչանան։ Դրա հետևանքը նոր տեսակների առաջանալն է։ Վերջապես ես ունեի մի տեսություն, որով ղեկավարվելով կարող էի շարունակել իմ աշխատանքը. բայց ես այնպես վախենում էի կանխակալ կարծիքի ազդեցությանը ենթարկվելուց, որ վճռեցի մի որոշ ժամանակի ընթացքում իմ մտքերի նույնիսկ համառոտ ուրվագիրը չանել։ 1842 թվականի հունիսին ես առաջին անգամ ինձ բավականություն պատճառեցի, մատիտով 35 էջի վրա ուրվագրելով իմ տեսության համառոտ ակնարկը. 1844 թվականի ամառվա ընթացքում այն ընդարձակեցի, հասցնելով 230 էջի, որը ես խնամքով արտագրեցի և մինչև այժմ պահում եմ ինձ մոտ։

Բայց այն ժամանակ ես աչքաթող արի հսկայական նշանակություն ունեցող մի խնդիր և մինչև այժմ էլ չեմ կարող ինձ բացատրել այլ կերպ, քան հիշելով կոլումբոսյան ձվի պատմությունը, թե ինչպես անտեսեցի և՛ բուն խնդիրը, և՛ նրա լուծումը։ Այդ խնդիրը կայանում է այն բացատրության մեջ, որ ընդհանուր նախնիքներից ծագում ունեցող բոլոր օրգանական էակները իրենց փոփոխության հետ զուգընթաց հեռանում են իրարից։ Որ այդ հեռացումը կատարվում էր մեծ չափերով, դա ապացուցվում է հենց դասակարգման փաստով, տեսակները խմբավորելով սեռերում, սեռերը ընտանիքներում, ընտանիքները՝ ենթակարգերում և այլն։ Ես կարող եմ հիշել ճանապարհի վրա այն տեղը, երբ ես կառքում նստած առաջին անգամ մտքումս ծագեց այդ խնդրի լուծումը. այդ արդեն Դաուն տեղափոխվելուցս շատ տարիներ հետո եղավ։ Այդ լուծումը, ես համոզված եմ, նրանումն է, որ տիրապետող և քանակապես աճող ձևերի փոփոխված սերունդները ձգտում են բնության տնտեսության մեջ հարմարվելու հնարավորին չափ մեծ թվով բազմազան վայրերի։

1856 թվականի սկզբում Լայելը ինձ խորհուրդ տվեց շարադրել իմ հայացքները հնարավոր բոլոր մանրամասնությամբ, և ես իսկույն սկսեցի իրագործել այդ պլանը։ Գրվածքիս ծավալը պետք է երեք չորս անգամ ավելի լիներ, քան հետագայում լույս տեսած «Տեսակների ծագումի» ծավալը։ Այնուամենայնիվ, դա միայն քաղվածք էր իմ հավաքած նյութից։ Այդ ձևով աշխատությունս համարյա մինչև կեսը հասցրի։ Բայց այդ ծրագիրս շուտով խանգարվեց, որովհետև 1858 թ. ամառը միստր Ուոլլեսը, որն այն ժամանակ գտնվում էր Մալայան արշիպելագում, ինձ ուղարկեց իր ուրվագիծը «Նախնական տիպից այլատեսակների անսահման շեղվելու ձգտման մասին»։ Այդ ուրվագիծը բովանդակում էր նույն տեսությունը, ինչ որ իմ գրքում կար։ Մ-ր Ուոլլեսը ցանկություն էր հայտնում, որպեսզի ես, նրա ուրվագծին հավանություն տալու դեպքում, այն ուղարկեմ Լայելին կարդալու։

Թե ինչպիսի հանգամանքներում ես Լայելի և Հուկերի ստիպմամբ համաձայնվեցի հրատարակել քաղվածքը իմ ձեռագրից և Ազա-Գրեյին 1857 թվականի սեպտեմբերի 5-ին գրածս նամակը Ուոլլեսի ուրվագծի հետ միասին, շարադրված են «Լիննեյան ընկերության նիստերի մատյանում» (1858 թ. էջ 45)։ Սկզբում ես չէի համաձայնում, ինձ թվում էր, թե Ուոլլեսը կմտածի, որ իմ արարքը ոչնչով չի արդարացվում, որովհետև այն ժամանակ դեռ չգիտեի նրա ազնիվ, վեհ բնավորությունը։ Ոչ ձեռագրիցս հանված քաղվածքը, ոչ էլ Ազա-Գրեյին գրածս նամակը նախանշված չէին տպագրության համար և վատ էին գրված։ Ընդհակառակը, մ-ր Ուոլլեսի ուրվագիծը հիանալի էր շարադրված և աչքի էր ընկնում զարմանալի պարզորոշությամբ։ Չնայած դրան, մեր երկուսի երկերը իրենց վրա շատ քիչ ուշադրություն գրավեցին։ Որքան ես կարողանում եմ հիշել, նրանց մասին մամուլում միակ գնահատականը պատկանում էր Դուբլինի պրոֆեսոր Հոտոնին, նրա դատավճիռը հանգում էր այն բանին, որ նրանցում այն բոլորը ինչ որ նոր է՝ ճիշտ չէ, իսկ ինչ որ ճիշտ է՝ նոր չէ։ Այդ բոլորը ցույց են տալիս, որ ամեն մի նոր միտք պետք է մանրամասնորեն շարադրված լինի, որպեսզի իր վրա գրավի ընդհանուրի ուշադրությունը։

1858 թ. սեպտեմբերին, Լայելի և Հուկերի եռանդուն խորհուրդներից դրդված, ես սկսեցի աշխատել տեսակների ձևափոխման իմ տեսությունը մեկ հատորում շարադրելու վրա, սակայն այդ աշխատանքը հաճախ ընդհատվում էր հիվանդությանս և դեպի Մուր-Պարկ՝ դոկտոր Լենի հիանալի ջրբուժական հիվանդանոցը կատարած կարճատև ուղևորություններիս պատճառով։ Ես քաղվածքներ արի ձեռագրից, որն սկսել էի 1856 թ. ավելի լայն ծավալով, և հատորը վերջացրի մտադրված կրճատ ծավալով։ Դրա համար ինձ հարկավոր եղավ ծախսել տասներեք ամսվա և տասը օրվա լարված աշխատանք։ Նա լույս տեսավ 1859 թվականի նոյեմբերին «Տեսակների ծագումը» անունով։ Թեև հետագա հրատարակությունները ուղղվեցին և զգալի չափով լրացվեցին, սակայն գիրքը իր էությամբ մնաց նույնը, ինչ որ էր առաջին հրատարակությունում։

Անկասկած է, որ այդ գիրքը իմ կյանքի գլխավոր աշխատությունն է։ Նա իր լույս տեսնելու օրվանից հաջողություն էր վայելում։ Առաջին ոչ մեծ՝ 1250 օրինակով հրատարակությունը սպառվեց հրատարակվելուց հետո հենց առաջին օրը, և այսուհետև դրան հետևեց 3000 օրինակով երկրորդ հրատարակությունը։ Մինչև այժմ (1876 թ.) Անգլիայում տարածվել է տասնվեց հազար օրինակ, և եթե նկատի առնենք, որ դա հեշտ ընթերցանություն չէ, այդ թիվը պետք է մեծ համարել։ Գիրքը թարգմանված է համարյա բոլոր եվրոպական լեզուներով, նույնիսկ այնպիսի, ինչպես իսպաներեն, չեխերեն, լեհերեն և ռուսերեն։ Այն թարգմանված է, Միսս Բիրդի ասելով, նաև ճապոնական լեզվով և եռանդագին կերպով ուսումնասիրվում է այնտեղ[16]։ Նույնիսկ հին հրեական լեզվով երևացել է էտյուդ նրա մասին, որտեղ ապացուցում է, թե այս տեսությունը կարելի է գտնել հին Կտակարանում։ Նրա մասին գրախոսականները շատ բազմաթիվ էին։ Սկզբում ես հավաքում էի այն ամենը, ինչ որ լույս էր տեսնում «Ծագման» և նրա հետ կապված իմ մյուս գրքերի մասին. այդ գրախոսականների թիվը (չհաշված թերթերի հաշվետվությունները) հասավ 265-ի, այնպես որ հուսահատությունից այլևս չհավաքեցի։ Երևացին ինքնուրույն շատ էտյուդներ և գրքեր նրա մասին, իսկ Գերմանիայում սկսեցին ամեն տարի կամ երկու տարին մեկ հրատարակել առանձին գրացուցակներ կամ գրախոսական տեղեկատուներ՝ նվիրված «Դարվինիզմին»։

Ես կարծում եմ, «Ծագման» հաջողությունը կարելի է մեծ չափով վերագրել այն հանգամանքին, որ այդ գրքի լույս ընծայումից շատ առաջ ես կազմել էի երկու սեղմ ուրվագիծ և որ գիրքն ինքը կրճատ ձեռագիրն էր, որը ինքն էլ քաղվածք էր։ Այսպիսով, ես ընտրեցի ամենից ավելի ապշեցուցիչ փաստերն ու եզրակացությունները։ Բացի դրանից, շատ տարիների ընթացքում ես հետևում էի հետևյալ ոսկյա կանոնին՝ յուրաքանչյուր անգամ, երբ ես մամուլում հանդիպում էի նոր դիտումների կամ մտքերի, որոնք հակասում էին իմ ընդհանուր եզրակացություններին, ես անպայման և առանց հապաղելու անում էի քաղվածք, որովհետև փորձով համոզվել եմ, որ նրանք անհամեմատ ավելի հեշտ են մոռացվում, քան բարենպաստ փաստերն ու մտքերը։ Այդ սովորության շնորհիվ իմ տեսակետների դեմ համարյա ոչ մի առարկություն չի առաջադրվել, որի վրա ես արդեն նախօրոք ուշադրություն դարձրած չլինեի և փորձած չլինեի նրանց պատասխան տալ։

Երբեմն կարծիք էր հայտնվում, թե «Ծագման» հաջողությունը միայն ապացուցեց, որ «հարցը արդեն պտտվում էր օդում» և որ «մտքերը դրա համար նախապատրաստված էին»։ Բայց ես չեմ կարծում, որ այդ ճիշտ լիներ, որովհետև ես բազմիցս ստուգում էի շատ բնախույզների կարծիքները և չհանդիպեցի որևէ մեկին, որը կասկած ուներ տեսակների անփոփոխության մասին։ Մինչև անգամ Լայելը և Հուկերը, որոնք հետաքրքրությամբ լսում էին իմ կարծիքները, ըստ երևույթին, երբեք չէին համաձայնում նրանց հետ։ Երկու կամ երեք անգամ ես փորձեցի բացատրել շատ ընդունակ մարդկանց, թե ես ինչ եմ հասկանում «բնական ընտրություն» ասելով, բայց բոլորովին ապարդյուն։ Ես կարծում եմ, անպայման ճիշտ է միայն այն, որ բնախույզերի մտքերում արդեն կարողացել էին կուտակվել անթիվ և ճիշտ դիտված փաստեր, որոնք միայն սպասում էին մի պարզորոշ տեսության, որի մեջ նրանք կգտնեին իրենց պատշաճ տեղը. հաջողության մյուս պայմանը գրքիս չափավոր ծավալն էր. դրանում ես պարտական եմ մ-ր Ուոլլեսի ուրվագծի երևալուն։ Եթե ես գիրքս հրատարակեի նախապես մտադրված ծավալով, այն չորս կամ հինգ անգամ ավելի մեծ ծավալ կունենար, քան «Տեսակների ծագումը» և այն ժամանակ քչերը համբերություն կունենային այն կարդալու։

Ես շատ շահեցի՝ հետաձգելով գրքի հրատարակությունը սկսած 1839 թվականից, երբ տեսությունը արդեն միանգամայն պարզ կերպով կազմավորվել էր իմ մտքում, մինչև 1859 թվականը, և բոլորովին ոչինչ չկորցրի, որովհետև բնավ մտահոգված չէի այն մասին, թե մարդիկ ում ավելի ինքնօրինակություն կվերագրեն՝ ինձ, թե Ուոլլեսին, իսկ նրա ուրվագիծը, անկասկած, շատ նպաստեց տեսության բարենպաստ ընդունելությանը։ Միայն մեկ կարևոր հայտնագործությունում ինձ կանխեցին,— և իմ ինքնասիրությունը միշտ ստիպում էր ինձ ափսոսալ այղ մասին,— այն է, որ ես, սառցադաշտային ժամանակաշրջանի միջոցով էի բացատրել բույսերի միևնույն տեսակների և կենդանիների որոշ տեսակների առկայությունը մեկը մյուսից հեռու գտնվող լեռնագագաթների վրա և բևեռային երկրներում։ Այդ տեսակետը այնքան դուր էր դալիս ինձ, որ ես այն շարադրեցի ամբողջ մանրամասնությամբ և, ես կարծում եմ, Հուկերը այն կարդացել է Է. Ֆորբսի հռչակավոր մեմուարը լույս տեսնելուց մի քանի տարի առաջ։ Այն խիստ սակավաթիվ կետերում, որոնց նկատմամբ ես ու նա տարակարծիք էինք, ես մինչև այժմ էլ կարծում եմ, ես էի իրավացի, այլ ոչ թե նա։ Իհարկե, ես երբեք նույնիսկ չեմ ակնարկի մամուլում, որ այդ եզրակացությանը ես բոլորովին անկախ եմ հասել։

Ամբողջ ժամանակի ընթացքում, որ ես աշխատում էի «Ծագման» վրա, ոչ մի բան ինձ այնպիսի մեծ բավականություն չպատճառեց, ինչպես այն մեծ տարբերության բացատրությունը, որ շատ դասերում նկատվում է սաղմի և զարգացած կենդանու միջև և այն գրեթե լիակատար նմանության բացատրությունը, որ ունեն նույն դասի բոլոր ներկայացուցիչների սաղմերը միմյանց հետ։ «Ծագման» վերաբերյալ գրախոսականներից ոչ մեկում այդ փաստերի վրա ուշադրություն չի դարձվել, և հիշում եմ, այդ առթիվ իմ զարմանքը հայտնեցի Ազա-Գրեյին գրածս նամակում։ Վերջին տարիներին որոշ քննադատներ սկսել են այդ հայտնագործությունը ամբողջովին վերագրել Ֆրից Մյուլլերին և Հեկկելին, որոնք անշուշտ անհամեմատ ավելի լրիվ և շատ կողմերով ավելի ճիշտ են մշակել այն, քան ես էի արել այդ։ Իմ նյութերը կբավեին ամբողջ գլխի համար, և ես պետք է որ զարգացնեի այդ կետը ավելի մանրամասնորեն. ինչպես երևում է, ես հարկ եղած տպավորությունը չթողեցի ընթերցողների վրա, իսկ ով հասնում է այդ արդյունքին, իմ կարծիքով, նրան էլ պետք է պատկանի ամբողջ պատիվը։

Այդ առթիվ ես պետք է նշեմ, որ իմ քննադատները միշտ գրեթե ազնվորեն են վերաբերվել դեպի ինձ, բացառելով, իհարկե, անհրաժեշտ գիտական գիտելիքներ չունեցողներին, բայց նրանց մասին խոսել էլ չարժե։ Իմ հայացքները հաճախ ենթարկվում էին կոպիտ աղավաղումների, մաղձոտ կերպով վիճարկվում, ծաղրվում, բայց ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, այդ ամենը արվում էր պատվարժանությամբ, առանց խաբեության։ Ընդհանրապես ես չեմ կասկածում, որ իմ աշխատությունները չափից ավելի և հաճախ էին գովաբանում։ Ես ուրախ եմ, որ խուսափել եմ բանավեճից, դրա համար պարտական եմ Լայելին. դեռ շատ տարիներ առաջ իմ երկրաբանական աշխատանքների առթիվ նա համոզիչ կերպով խորհուրդ էր տալիս ինձ, երբեք չմտնել բանավեճի մեջ, որովհետև դրանից ոչ մի օգուտ չի ստացվում, այլ միայն ժամանակ է վատնվում և տրամադրություն է փչանում։

Ամեն անգամ, երբ ես համոզվում էի, որ սխալ եմ արել կամ աշխատությունս անկատար է, միշտ, երբ ինձ արհամարհանքով քննադատում էին կամ չափից դուրս գովաբանում, այնպես, որ ես ինձ խոցված էի զգում, ամենալավ հանգստությունը, ինչպես ես արդեն փորձել եմ հարյուրավոր անգամ, գտնում էի այն բանում, որ ասում էի ինքս ինձ. «Ես աշխատում էի, որքան կարող էր համառությամբ և ճշտակատարությամբ, իսկ մարդուց ավելի շատ չի կարելի էլ պահանջել»։ Հիշում եմ, դեռ Հրո երկրում Բարի Հաջողության ծովածոցում կանգ առնելու ժամանակ ես եկա այն եզրակացության (որի մասին, կարծեմ գրեցի տուն), որ չէի կարողանա ավելի լավ տնօրինել իմ կյանքը, քան նվիրելով այն բնագիտության բնագավառում որևէ նոր բան մուծելուն։ Ես այդ կատարել եմ իմ ընդունակությունների համեմատ և քննադատները կարող են խոսել, ինչ որ նրանք կուզեն, այդ բանում իմ համոզմունքը նրանք չեն կարող փոխել։

1859 թ. վերջին երկու ամիսների ընթացքում ես ամբողջովին զբաղված էի «Ծագման» երկրորդ հրատարակության նախապատրաստմամբ և հսկայական նամակագրությամբ։ 1860 թ. հունվարի 1-ին ես սկսեցի կարգի բերել իմ նշումները «Ընտանեցված կենդանիները և մշակվող բույսերը» աշխատության մասին, բայց այն տպագրվեց միայն 1868 թվականի սկզբին։ Այդ ձգձգումը բացատրվում էր մասամբ իմ հաճախ կրկնվող տկարություններով, որոնցից մեկը տևեց յոթ ամիս, ինչպես նաև այն ժամանակ ինձ ավելի հետաքրքրող այլ աշխատություններս տպագրելու գայթակղությամբ։

1862 թ. մայիսի 15-ին լույս տեսավ իմ փոքրիկ գիրքը «Խոլորձիների բեղմնավորման մասին», նրա մշակման համար պահանջվեց տասը ամիս. բայց նրա մեջ շարադրված փաստերը աստիճանաբար կուտակվել էին նախորդ մի քանի տարիների ընթացքում։ 1839 թ. ամառը և, կարծեմ, նույնիսկ նախորդ ամառը ես սկսեցի դիտել միջատների օգնությամբ ծաղիկների խաչաձև բեղմնավորման երևույթները, որովհետև տեսակների ծագման մասին իմ կշռադատումները ինձ բերեցին այն եզրակացության, որ խաչաձևումը էական դեր է կատարել տեսակային տիպերի անփոփոխությունը պահպահելու գործում։ Այդ առարկայով ես շարունակում էի զբաղվել հետագա յուրաքանչյուր ամառվա ընթացքում. նրա հարուցած հետաքրքրությունը առանձնապես ավելացավ այն բանից հետո, երբ 1841 թ. նոյեմբերին Ռոբերտ Բրոունի խորհրդով ես ձեռք բերի և կարդացի Կ. Շպրինգելի «Das endekte Geheimniss der Nature»[17] զարմանալի գիրքը։

1862 թվականին նախորդող մի քանի տարիների ընթացքում ես մասնավորապես ուսումնասիրում էի մեր բրիտանական խոլորձիների բեղմնավորումը, ինձ թվում էր, որ այդ հարցի հետազոտության լավագույն պլանը կլիներ բույսերի այդ խմբի հնարավորին չափ լրիվ ուսումնասիրումը, քան թե այլ բույսերի վերաբերմամբ իմ կուտակած փաստերի հսկայական պաշարի օգտագործումը։

Իմ ընտրությունը դուրս եկավ խելամիտ, որովհետև գրքի լույս տեսնելուց հետո հայտնվեցին զարմանալի քանակությամբ առանձին հետազոտություններ և ամբողջ երկեր ամենաբազմազան բույսերի բեղմնավորման մասին, որոնք անհամեմատ ավելի լավ էին մշակված, քան ես այդ կարող էի անել։ Խեղճ ծերունի Շպրինգելի ծառայությունը, որ այնքան երկար չէր ճանաչված, այժմ նրա մահից այդքան տարիներ անցնելուց հետո, վերջապես, ըստ արժանվույն գնահատված է։

Նույն տարին «Լիննեյան ընկերության ամսագրում» ես զետեղեցի մի հոդված «Գինարբուկի երկու ձևերի կամ դիմորֆ կառուցվածքի մասին», իսկ հաջորդ տարիների ընթացքում դարձյալ հինգ հետազոտումներ դիմորֆ և տրիմորֆ բույսերի մասին։ Ինձ թվում է, թե իմ գիտական գործունեության մեջ ոչ մի բան ինձ այնպիսի բավականություն չի պատճառել, ինչպես այդ բուսական ձևերի իմաստի պարզաբանությունը։ 1838 և 1839 թվականներին ես արդեն նկատել էի Linum flavum-ի դիմորֆիզմը, բայց սկզբում ես կարծում էի, որ այդ միայն փոփոխականության մի դեպք է։ Սակայն հետազոտելով Primula-ի սովորական տեսակը, ես համոզվեցի, որ երկու ձևերը խիստ կանոնավոր են և անփոփոխ, որպեսզի կարելի լիներ կանգ առնել այդ բացատրության վրա։ Այն ժամանակ ես եկա այն եզրակացության, որ մեր գինարբուկները գտնվում են երկտուն բույսեր դառնալու ճանապարհին, որ մի ձևի կարճ վարսանդները ու մյուսի կարճ առէջքները հակում ունեն կատարելապես թերազարգացած մնալու։

Բույսերը հետազոտվեցին այդ տեսակետից և հենց որ կարճ առէջքների ծաղկափոշիով բեղմնավորված կարճ վարսանդավոր ծաղիկներն ավելի բեղուն դուրս եկան, քան հնարավոր չորս զուգակցումներից որևէ մեկը, թերզարգացման տեսությանը մահացու հարված հասցվեց։ Մի քանի լրացուցիչ փորձերից հետո ակներև դարձավ, որ երկու ձևերը թեև լիովին հերմաֆրոդիտներ են, բայց մեկը մյուսին վերաբերվում են ինչպես սովորական բաժանասեռ կենդանիներ։ Lythrum-ի մոտ մենք գործ ունենք ավելի ևս մի զարմանալի դեպքի հետ, երբ երեք ձևեր գտնվում են նույնպիսի փոխհարաբերությունների մեջ։ Հետագայում ես համոզվեցի, որ ծաղկի երկու միանման ձևերից ստացված սերունդը դրսևորում է հետաքրքիր և գրեթե լիակատար նմանություն երկու ինքնուրույն տեսակներից ստացված հիբրիդների հետ։

1864 թվականի աշնանը վերջացրի և ուղարկեցի Լիննեյան ընկերությանը մի երկար հոդված «Մագլցող բույսերի մատին»։ Այդ հոդվածի վրա աշխատանքը պահանջեց չորս ամիս, բայց երբ ես ստացա սրբագրականը, այնքան տկար էի, որ ստիպված էի թողնել նույն վիճակում, ինչպես որ էր շատ վատ գրված, իսկ տեղ-տեղ էլ խրթին շարադրված։ Հոդվածը իր վրա ուշադրություն գրեթե չգրավեց, բայց երբ 1875 թ. ուղղված վիճակում լույս տեսավ առանձին գրքույկով, այն արագ կերպով սպառվեց։ Այդ հետազոտությունը կատարելու ինձ առիթ տվեց Ազա-Գրեյի կարճառոտ հոդվածը, որը լույս տեսավ 1858 թվականին։ Նա ինձ ուղարկեց սերմեր, ցանելով դրանք, ես այնպես զարմացել էի խիղբերի և ցողունների շրջանաձև շարժումով, որ ես էլի ձեռք բերեցի փաթաթվող ու մագլցող նոր բույսեր և սկսեցի ամբողջ հարցի ուսումնասիրումը։ Այդ շարժումներն ըստ էության շատ պարզ են, բայց առաջին հայացքից շատ բարդ են թվում։ Այդ հարցն ավելի ևս գրավեց իմ ուշադրությունը, որովհետև ես դեռ հիշում էի, թե ինչպես քիչ էի բավարարված այն բացատրությամբ, որ առաջադրում էր Հենսլոն իր դասախոսությունների ժամանակ, այն է՝ որ այդ բույսերին հատուկ է պարուրաձև աճելու ձգտումը։ Այդ բացատրությունը բոլորովին անհիմն դուրս եկավ։ Մագլցող բույսերի որոշ հարմարումները նույնքան հիանալի են, արքան խոլորձիների հարմարումները խաչաձև բեղմնավորման համար։

Իմ գիրքը՝ «Ընտելացված կենդանիների և կուլտուրական բույսերի փոփոխականությունը» սկսված էր, ինչպես ես արդեն հիշատակել եմ, 1860 թ. սկզբում, բայց չէր տպագրվել մինչև 1868 թվականի սկիզբը։ Դա մի մեծածավալ գրվածք է և ինձ վրա նստել է չորս տարվա և երկու ամսվա համառ աշխատանք։ Այդ գրքում են գտնվում իմ բոլոր սեփական դիտումները և հսկայական քանակությամբ փաստեր, որոնք քաղված են ամենաբազմազան աղբյուրներից ընտելացած և կուլտուրական օրգանիզմների վերաբերմամբ։ Երկրորդ հատորում քննարկված են այն չափով, ինչ չափով որ այդ մատչելի է մեր ժամանակակից գիտությանը, փոփոխականության, ժառանգականության պատճառները և օրենքները և այլն։ Աշխատության վերջում ես բերում եմ պանգենեզիսի իմ հիպոթեզը, որն այնպես լավ պախարակեցին։ Չստուգված հիպոթեզները համարյա կամ նույնիսկ բոլորովին նշանակություն չունեն, սակայն եթե ժամանակին որևէ մեկին կհաջողվի անել դիտումներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի հետևեցնել նման հիպոթեզ, ապա ես թերևս լավ ծառայություն կմատուցեմ նրան, որովհետև այդ միջոցով կարելի էր շաղկապել ու հասկանալի դարձնել փաստերի զարմանալի մեծ քանակությունը։ 1875 թ. լույս տեսավ երկրորդ, զգալիորեն ուղղված հրատարակությունը, որը ինձ վրա մեծ աշխատանք է նստել։

Իմ «Մարդու ծագումը» հրատարակվեց 1871 թ. փետրվարին։ Դեռ 1837 կամ 1838 թվականին, հենց որ ես համոզվեցի, որ տեսակները փոփոխական են, ես չէի կարող խուսափել այն հետևությունից, որ մարդն էլ է ընկնում նույն օրենքի տակ։ Դրան համաձայն՝ ես սկսեցի փաստեր հավաքել իմ անձնական բավարարության համար, որովհետև դեռ երկար ժամանակ մտադիր չէի դրանցով հանդես գալ մամուլում։ Թեև «Տեսակների ծագման» մեջ ես ոչ մի տեսակ մասնավորապես չեմ շոշափում, բայց և այնպես, որպեսզի ոչ մի ազնիվ մարդ չկարողանա ինձ կշտամբել, որ ես թաքցնում եմ իմ համոզմունքները, ես ավելացրի հետևյալ խոսքերը։ «Նոր լույս կսփռվի մարդու ծագման և նրա պատմության վրա»։ Միանգամայն անօգուտ, իսկ գրքի հաջողության համար նույնիսկ ուղղակի վնասակար կլիներ ի ցույց հանել իմ հայացքները մարդու ծագման վերաբերմամբ, չբերելով ոչ մի ապացույց։

Բայց երբ ես համոզվեցի, որ շատ բնախույզներ ընդունեցին տեսակների էվոլյուցիայի ուսմունքը, ես օգտակար համարեցի մշակել իմ ունեցած գրանշումները և հատուկ հետազոտություն հրատարակել մարդու ծագման մասին։ Ես այդ արեցի ավելի ևս սիրով, որովհետև այն ինձ առիթ տվեց մանրամասնորեն քննարկել սեռական ընտրության պրոցեսը, մի թեմա, որը ինձ միշտ խորապես հետաքրքրել էր։ Այդ հարցը նույնպես, ինչպես ընտանեցրած օրգանիզմների փոփոխությունները՝ կապված փոփոխականության և ժառանգականության պատճառների և օրենքների հետ, ինչպես նաև բույսերի խաչաձև բեղմնավորությունը միակ առարկաներն են, որոնց մասին ես իմ աշխատություններում արտահայտվել եմ լրիվ, այսինքն՝ օգտագործել եմ իմ ունեցած բոլոր նյութերը։ «Մարդու ծագումը» վերջացնելու համար պահանջվեց երեք տարի, բայց այս անգամ էլ շատ ժամանակ ծախսվեց հիվանդությանս, մյուս աշխատություններիս նոր հրատարակությունների նախապատրաստման և մի քանի մանր աշխատանքների վրա։ «Մարդու ծագման» երկրորդ, զգալիորեն ուղղված հրատարակությունը լույս տեսավ 1874 թվականին։

Իմ գիրքը՝ «Մարդու և կենդանիների զգայությունների արտահայտումը» հրատարակվեց 1872 թվականի աշնանը։ Սկզբում ես մտադիր էի այդ հարցին միայն մեկ գլուխ հատկացնել «Մարդու ծագման» մեջ, բայց հենց որ ես սկսեցի կարգի բերել իմ գրանշումները, ես համոզվեցի, որ հատուկ հետազոտություն է պահանջվում։

Իմ առաջին երեխան ծնվեց 1839 թ. դեկտեմբերի 27-ին, և ես անմիջապես սկսեցի գրանշումներ անել զանազան զգացումներ արտահայտելու սկզբնական դրսևորման մասին, որովհետև այն ժամանակ արդեն հավատացած էի, որ արտահայտման ամենաբարդ և նուրբ երանգները պետք է ունենային բնական, աստիճանական սկիզբ։ Հետևյալ, 1840 թվականի ամառը ես կարդացի սըր Չ. Բելլի հիանալի հետազոտությունը զգացումների արտահայտման մասին և դա զգալի չափով ավելացրեց իմ հետաքրքրությունը այդ հարցի նկատմամբ, թեև ես չէի համաձայնում նրա այն կարծիքի հետ, որ տարբեր մկաններ ստեղծվել են բացառապես որոշ արտահայտումներ հաղորդելու համար։ Այդ ժամանակից սկսած ես ժամանակ առ ժամանակ վերադառնում էի այդ հարցին՝ կիրառելով ինչպես մարդու, այնպես էլ մեր ընտանի կենդանիների նկատմամբ։ Գիրքը շատ շուտ սպառվեց, հենց առաջին օրը վաճառվել էր 5267 օրինակ։

1860 թվականի ամառը, ոչինչ չանելով, հանգստանում էի Հարտֆիլդի մոտ, ուրտեղ առատորեն հանդիպում են Drosera-ի երկու տեսակները, և ես նկատեցի, որ նրանց տերևները մեծ քանակությամբ միջատներ են բռնում։ Ես տուն բերեցի մի քանի բույսեր և դիտմամբ տալով նրանց մի քանի միջատ, նկատեցի գեղձավոր մազիկների շարժումը, որը և ստիպեցի ինձ ենթադրելու, որ միջատներ որսալը ինչ որ հատուկ նշանակություն ունի։ Բարեբախտաբար ինձ պատահաբար ներկայացավ experimentum crucis[18] այն է՝ մեծ թվով տերևներ տեղավորելով միատեսակ տեսակարար կշիռ ունեցող զանազան ազոտային և անազոտ հեղուկներում, որոնք ունեին միատեսակ տեսակարար կշիռ, ես նկատեցի, որ միայն ազոտայիններն են առաջացնում խիստ շարժումներ։ Դրանից հետո ակներև դարձավ, որ այդ երևույթներում մի նոր հիանալի ասպարեզ էր բացվում հետազոտության համար։

Հետագա բոլոր տարիներում, հենց որ ազատ ժամանակ էի ունենում, այն օգտագործում էի իմ փորձերը շարունակելու համար, և իմ գիրքը «Միջատակեր բույսերի» մասին լույս տեսավ 1875 թվականին, այսինքն՝ իմ առաջին դիտումից տասն վեց տարի անցնելուց հետո։ Այդ հապաղումը, ինչպես և մյուս գրքերիս վերաբերմամբ, ինձ չափազանց օգտակար էր, որովհետև այդպիսի երկար ժամանակամիջոցից հետո մարդ իր աշխատությանը այնպես քննադատորեն է վերաբերվում, ինչպես եթե այն պատկաներ բոլորովին մի այլ անձնավորության։ Այն փաստը, որ բույսը համապատասխան գրգռման դեպքում արտազատում է թթու և ֆերմենտ պարունակող հեղուկ, որը միանգամայն նման է կենդանիների մարսողական հյութին, անկասկած ներկայացնում է երևելի հայտնագործություն։

Ընթացիկ 1876 թ. աշնանը ես լույս եմ ընծայելու «Խաչաձև փոշոտման և ինքնաբեղմնավորման ազդեցությունը բուսական թագավորության մեջ»։ Դա կլինի որպես լրացում «Խոլորձիների բեղմնավորումը» գրքի. այնտեղ ես ցույց եմ տվել, թե որքան կատարյալ են խաչաձև բեղմնավորման հասնելու միջոցները, այստեղ ես ցույց կտամ, թե որքան կարևոր են նրա հետևանքները։ Այդ գրքում շարադրված տասնմեկ տարի տևող բազմաթիվ փորձերը ձեռնարկվել էին միանգամայն պատահական մի դիտումի շնորհիվ, և հարկավոր էր, որ այն կրկնվեր նրա համար, որպեսզի իմ ուշադրությունը բևեռվեր այդ զարմանալի փաստի վրա, որ ինքնաբեղմնավորման միջոցով ստացված սերմերից դուրս եկած բույսերը ավելի քիչ հասակ և հզորություն ունեն և այն էլ առաջին սերնդից սկսած, քան այդ բույսերը, որոնք դուրս են եկել խաչաձևման միջոցով ստացված սերմերից։ Ես հույս ունեմ նաև նախապատրաստել խոլորձիների մասին գրքիս նոր հրատարակությունը, ինչպես նաև դիմորֆ և տրիմորֆ բույսերի վերաբերյալ իմ հետազոտությունները, կապելով սրան վերաբերող որոշ լրացուցիչ դիտողություններ, որոնք մինչև այժմ չեմ կարողացել կարգի բերել։ Մինչև այդ ժամանակ իմ ուժերը հավանորեն կսպառվեն և ես պատրաստ կլինեմ բացականչելու «Nunc dimittis»[19]։

Ավելացված է 1881 թվականի մայիսի 1-ին։ «Խաչաձև փոշոտման և ինքնաբեղմնավորման ազդեցությունը» լույս տեսավ 1876 թ. աշնանը. այդ գրքում շարադրված արդյունքները, ես կարծում եմ, բացատրում են բազմազան և զարմանալի հարմարանքները նույն տեսակի մի բույսից ծաղկափոշին մյուսի վրա տեղափոխելու համար։ Սակայն այժմ ես գալիս եմ այն եզրակացության, գլխավորապես Հերման Մյուլլերի դիտումների հիման վրա, որ ես պետք է ավելի ուժեղ կերպով, քան այդ արեցի, պնդեի ինքնափոշոտման բազմաթիվ հարմարանքների գոյության վրա, թեև ես ինքս էլ լավ գիտեի այդպիսի հարմարանքների գոյության մասին։ «Խոլորձիների բեղմնավորումը» աշխատությանս զգալիորեն լրացված հրատարակությունը լույս տեսավ 1877 թվականին։

Հենց նույն տարին լույս տեսավ «Ծաղիկների զանազան ձևերը» գիրքս, իսկ 1880 թվականին այն լույս տեսավ երկրորդ հրատարակությամբ։ Այդ գիրքը կազմված է, գլխավորապես, մի քանի հոդվածներից հետերոստիլ ծաղիկների մասին, այդ հոդվածներում, որոնք սկզբում զետեղված էին Լիննեյան ընկերության ամսագրում, մտցվեցին ուղղումներ և լրացումներ շատ նոր դեպքերի, փաստերի և դիտումների հիման վրա, երբ միևնույն բույսը տալիս է երկու տեսակ ծաղիկներ։ Ինչպես ես արդեն նշել եմ վերևում, իմ փոքրիկ հայտնադործումներից ոչ մեկը ինձ այդքան բավականություն չի պատճառել, որքան հետերոստիլ ծաղիկների նշանակության այդ պարզաբանումը։ Այդ ծաղիկների ապօրինի խաչաձևումների արդյունքները ինձ թվում են չափազանց կարևոր, որովհետև նրանք առնչություն ունեն հիբրիդների անպտղության հետ. բայց միայն շատ քչերը նկատեցին այդ արդյունքները։

1879 թ. ես հանձնարարեցի թարգմանել դոկտոր Էրնեստ Կրաուզեի «Էրազմ Դարվինի կյանքը» և ինձ մոտ եղած նյութերի հիման վրա այն լրացրի մի ուրվագծով իմ պապի բնավորության և կենսակերպի մասին։ Շատերը հետաքրքրվեցին այդ փոքրիկ կենսագրությամբ, և ինձ զարմացնում է, որ նրանից տարածվեց միայն 800 կամ 900 օրինակ։

1880 թ. իմ որդի Ֆրենսիսի օժանդակությամբ ես հրատարակեցի «Բույսերի շարժվելու ընդունակությունը» գիրքը։ Այդ գիրքը մոտավորապես նույնպիսի առնչություն ունի իմ «Մագլցող բույսերի» մասին փոքրիկ գրքի հետ, ինչպիսին ունի «Խաչաձև բեղմնավորումը» «Խոլորձիների բեղմնավորման» հետ։ Էվոլյուցիայի տեսության հիման վրա այլ կերպ անհնարին կլիներ բացատրել մագլցող բույսերի առաջացումը այդքան բազմաթիվ ու միանգամայն տարբեր խմբերում, եթե ոչ ելնելով այն ենթադրությունից, որ բոլոր բույսերն օժտված են թույլ չափով շարժվելու նման ընդունակությամբ։ Ես այդ էլ ապացուցեցի։ Այնուհետև ես եկա ավելի ևս լայն ընդհանրացման, այն է՝ լույսի, ծանրության ուժի և այլոց առաջացրած շարժումների այդքան կարևոր խմբերը այդ հիմնական շարժման՝ շրջանաձև նուտացիայի ձևափոխություններն են միայն։ Ես միշտ մեծ հաճույքով բույսերին հատկացնում էի ավելի բարձր տեղ կազմակերպված էակների շարքում, քան ընդհանրապես ընդունված է, և այդ պատճառով առանձին բավարարություն զգացի, ցույց տալով, թե ինչպիսի բազմազան ու զարմանալի լավ հարմարված են արմատի ծայրի շարժումները։

Հիմա (1881 թ. մայիսի 1-ին) ես տպարան ուղարկեցի մի փոքրիկ գրքի ձեռագիրը՝ «Բուսահողի առաջացումը որդերի գործունեությամբ»։ Այդ հարցը մեծ նշանակություն չունի, և ես չգիտեմ, արդյոք այն կհետաքրքրի՞ ընթերցողներին[20], բայց ինձ այն շատ հետաքրքրեց։ Այդ գրքույկը քառասուն տարուց ավելի առաջ Երկրաբանական ընկերությունում իմ զեկուցած փոքրիկ աշխատանքի զարգացումն է, և այն արթնացրեց իմ մեջ երկրաբանական հին մտքերս։

Ես թվարկեցի բոլոր իմ գրքերը, և քանի որ նրանք կազմում են իմ ամբողջ կյանքի ուղեցույց սյուները, ուստի ինձ այլևս քիչ բան է մնում հիշատակելու։ Վերջին երեսուն տարվա ընթացքում իմ մտավոր կերտվածքում ես ոչ մի փոփոխություն չեմ նկատել, բացառությամբ մեկ կետի, որի մասին ես հիմա կհիշատակեմ. ասենք՝ այդպիսի փոփոխություն հազիվ թե կարող էր տեղի ունենալ, բացի միայն ուժերի ընդհանուր անկումից։ Իմ հայրը ապրեց մինչև ութսուներեք տարեկան հասակը, պահպանելով մտքի սովորական կենդանությունը և իր բոլոր ընդունակությունների փայլը. հուսով եմ, որ ես էլ կմեռնեմ իմ մտքի նկատելի զառամումից ավելի առաջ։ Ինձ թվում է, թե տարիքիս հետ ես ավելի մեծ հմտություն եմ ձեռք բերել ճիշտ բացատրություններ կռահելու և փորձնական ստուգումներ հորինելու մեջ, սակայն, կարող է պատահել, այդ միայն մեծ պրակտիկայի և գիտելիքների ավելի ընդարձակ պաշարի արդյունք է։ Ինչպես և միշտ, ես դժվարանում եմ իմ մտքերը արտահայտել պարզ ու սեղմ ձևով և այդ դժվարությունը ինձ համար ժամանակի մեծ կորստի պատճառ է եղել։ Բայց նա ունի նաև այն փոխհատուցող առավելությունը, որ ինձ ստիպում է երկար ու համառորեն կշռադատել յուրաքանչյուր նախադասություն, որի շնորհիվ ես կարողանում էի գտնել ինչպես իմ, այնպես էլ ուրիշների դատողություններում եղած սխալները։

Ինձ թվում է, թե իմ մտքին հատուկ է ինչ-որ ճակատագրական առանձնահատկություն, որը ինձ հարկադրում է սկզբից առաջադրել իմ գրույթը կամ շարադրանքը սխալ կամ անհաջող ձևով։ Առաջներում ես երկար կշռադատում էի յուրաքանչյուր նախադասություն՝ նախքան այն թղթի վրա գրելս։ Բայց վերջին տարիներին ես եկա այն եզրակացության, որ ժամանակի կրճատման համար օգտակար է ինչքան կարելի է արագ, ամենափնթի ձեռագրով և բառերի կեսը կրճատելով խզբզել ամբողջ էջերը, իսկ հետո արդեն կշռադատելով ուղղել դրանք։ Այս ձևով ուրվագրված նախադասությունները հաճախ ավելի լավ են լինում նրանցից, որոնք ես կգրեի նախապես լավ խորհելով։

Մատնանշելով իմ գրելու ձևը, ավելացնում եմ, որ իմ մեծ երկերը գրելիս ես շատ ժամանակ էի ծախսում աշխատանքի ընդհանուր պլանը կառուցելու վրա։ Ամենից առաջ ես անում եմ երկու կամ երեք էջանոց ամենակոպիտ ուրվագիր, այնուհետև ավելի ընդարձակ ուրվագիծ մի քանի էջի վրա, որտեղ մի քանի բառը, երբեմն նույնիսկ մեկ բառը համապատասխանում է մի ամբողջ դատողության կամ մի շարք փաստերի։ Այդ վերնագրերից յուրաքանչյուրը նորից ընդարձակվում է, իսկ երբեմն էլ նախքան in extenso[21] գրելս՝ փոխադրում եմ մի ուրիշ տեղ։ Քանի որ իմ որոշ գրքերում ես ստիպված էի գործ ունենալ ուրիշ հետազոտողների դիտած փաստերի հետ և քանի որ ես գրեթե միշտ զբաղվում էի մի քանի հարցերով միաժամանակ, ուստի ես ուզում եմ հիշատակել հետևյալ եղանակի մասին, որը ես միշտ օգտագործում եմ։ Ես մշտապես ունեմ երեսունից մինչև քառասուն առանձին թղթապանակներ, որոնք պահվում են պահարաններում՝ պիտակներ ունեցող դարակների վրա, այդ թղթապանակներում ես կարող եմ իսկույն ևեթ զետեղել տեղեկատու քաղվածքը կամ նշագրումը։ Ես գնում էի շատ գրքեր և նրանց վերջում տեղավորում էի իմ հետազոտությունների հետ առնչություն ունեցող փաստերի ցանկերը, իսկ եթե գիրքը ինձ չէր պատկանում, ես քաղվածք էի անում և ինձ մոտ մի ամբողջ պահարան լցված է այդպիսի քաղվածքներով։ Նախքան որևէ հարցի ձեռնարկելը ես աչքի եմ անցկացնում բոլոր համառոտ ցանկերը և նրանցից կազմում եմ մի ընդհանուր սիստեմատիկ ցանկ, իսկ վերցնելով մեկ կամ մի քանի համապատասխան թղթապանակներ, ես պատրաստի վիճակում ունեմ այն տեղեկությունները, որոնք ես հավաքել եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում։

Ես հենց նոր ասացի, որ վերջին քսան կամ երեսուն տարվա ընթացքում իմ միտքը մի տեսակետից փոխվել է։ Մինչև երեսուն տարեկան հասակս և նույնիսկ մի քիչ ավելի ուշ ես բավականություն էի գտնում բանաստեղծներ՝ Միլտոնին, Գրեյին, Բայրոնին, Ուորդսուորտին, Կոլրիջին և Շելլիին կարդալու մեջ, նույնիսկ դեռ դպրոցական հասակում ես մեծ հաճույքով կարդում էի Շեքսպիրին, հատկապես նրա պատմական դրամաները։ Ես արդեն մատնանշել եմ նաև, որ անցյալում նկարչությունը ինձ պատճառում էր մեծ հաճույք, իսկ երաժշտությունը՝ ավելի ևս բարձր։ Բայց ահա արդեն մի քանի տարի է, ինչ ես չեմ կարողանում տանել չափածո ոչ մի տող. վերջերս փորձեցի կարդալ Շեքսպիրին, բայց նա ինձ թվաց զզվելու չափ ձանձրալի։ Ես համարյա կորցրել եմ նաև իմ նախկին ճաշակս նկարչության և երաժշտության նկատմամբ։ Երաժշտությունը ինձ բավականություն պատճառելու փոխարեն՝ սովորաբար ստիպում է ինձ էլ ավելի լարված մտածելու այն բանի մասին, ինչի վրա որ աշխատում եմ։ Ես դեռ պահպանել եմ նախկին ճաշակս դեպի բնության գեղատեսիլ պատկերները, բայց նրանք էլ արդեն այնպիսի բարձր հաճույք չեն պատճառում, ինչպես անցյալում։ Մյուս կողմից՝ վեպերը, որոնք նույնպես երևակայության, թեև ոչ բարձր որակի երևակայության արգասիք են, վերջին տարիներում ինձ պատճառում էին զարմանալի բավականություն և հանգստություն և ես հաճախ օրհնում եմ բոլոր վիպասաններին։ Ինձ բարձրաձայն կարդացել են անհամար քանակությամբ վեպեր, և նրանք բոլորը ինձ դուր են եկել, եթե նրանց որակը միջակից ցածր չէ, մանավանդ եթե նրանք բարեբախտ են վերջանում։ Ես ընդհանրապես դժբախտ վերջավորություն ունեցող վեպերի դեմ օրենք կհրատարակեի։ Իմ ճաշակով ոչ մի վեպ չի կարելի առաջնակարգ համարել, եթե նրանում չկա անվերապահ սեր ներշնչող գեթ մի անձ, իսկ եթե դա, բացի դրանից, սիրունիկ կին է, ապա ավելի ևս լավ։

Բարձր գեղարվեստական ճաշակներիս այդ զարմանալի և ափսոսանքի արժանի կորուստը ավելի ևս տարօրինակ է, որովհետև պատմության, կենսանգրության, ճանապարհորդության վերաբերյալ գրվածքները (անկախ նրանց գիտական բովանդակությունից) և ամեն տեսակի հոդվածները առաջվա պես շարունակում են ինձ հետաքրքրել։ Իմ միտքը դարձել է մի ինչ-որ մեխանիզմ, որը աղում է փաստերի մեծ հավաքածուներ և վերածում ընդհանուր օրենքների, բայց ես չեմ կարողանում ընդունել, թե ինչու այդ ընդունակությունը առաջացրել է ուղեղի միայն այն մասի ծյուրում, որից կախված են բարձր էսթետիկական ճաշակները։ Ես կարծում եմ, որ ավելի բարձր կազմակերպված խելքի տեր մարդը ինձ պես չէր տուժի, և եթե ինձ վիճակվեր երկրորդ անգամ վերապրել իմ կյանքը, ես ինձ համար կսահմանեի՝ գոնե շաբաթը մեկ անգամ կարդալ բանաստեղծական գրվածքներ և լսել երաժշտություն, այս ձևով ուղեղիս այն մասերը, որոնք այժմ ծյուրվել են, կպահպանեին իրենց կենսունակությունը։ Այդ ճաշակների կորուստը ներկայացնում է երջանկության որոշ մասի կորուստ և թերևս վնասակար կերպով է անդրադառնում մտավոր ընդունակությունների վրա, իսկ ավելի հավանական է՝ բարոյական բնավորության վրա, որովհետև թուլացնում է մեր բնույթի հուզական կողմը։

Իմ գրքերը լայնորեն տարածվում էին Անգլիայում, թարգմանված են շատ լեզուներով և ունեցել են մի քանի հրատարակություն արտասահմանում։ Ինձ պատահել է լսել, որ գրքի հաջողությունը օտար երկրներում նրա կայուն նշանակության լավագույն ապացույց է հանդիսանում։ Կասկածում եմ, որ այդ ճիշտ կլինի, բայց այդ տեսակետից իմ անունը կարող է մի քանի տարի իր հռչակը պահպանելու հույս ունենալ։ Այդ պատճառով գուցե արժե վերլուծել այն մտավոր հատկություններն ու պայմանները, որոնցից կախված էր այդ հաջողությունը, թեև ես շատ լավ գիտակցում եմ, որ ոչ մի մարդ ընդունակ չէր բավարար չափով կատարելու նման վերլուծությունը։

Ես չունեմ ո՛չ ըմբռնողության արագություն, ո՛չ սրամտություն, որոնցով աչքի են ընկնում շատ մարդիկ, ինչպես, օրինակ, Հյոքսլին։ Ուստի ես շատ վատ քննադատ եմ. մի գիրք կամ հետազոտություն առաջին ընթերցումից հետո սովորաբար ինձ հիացմունք են պատճառում, և միայն երկար կշռադատելուց հետո բացահայտում եմ նրանց թույլ կողմերը։ Մտքերի երկար ու բոլորովին վերացական շղթայի հետամտելու իմ ընդունակությունը շատ սահմանափակ է, և այդ պատճառով ես երբեք չէի կարող հաջողությամբ զբաղվել ոչ մետաֆիզիկայով, ոչ էլ մաթեմատիկայով։ Հիշողությունս ընդարձակ է, բայց մի քիչ աղոտ է. նա բավականացնում է, որպեսզի ինձ նախազգուշացնի, որ ես դիտել եմ կամ կարդացել եմ ինչ-որ բան, որը հակասում է իմ հանած եզրակացությանը կամ, ընդհակառակը, հաստատում է այն. և որոշ ժամանակից հետո ես սովորաբար հիշում եմ աղբյուրը։ Իմ հիշողությունը որոշ ուղղությամբ այնքան թույլ է, որ ես երբեք ի վիճակի չեմ որևէ թվական կամ ոտանավոր մի քանի օրից ավելի միտս պահելու։

Իմ քննադատներից ոմանք ասում էին իմ մասին. «Նա անկասկած հիանալի դիտում է, բայց չի կարողանում կշռադատել»։ Չեմ կարծում, որ դա ճիշտ լինի, որովհետև «Տեսակների ծագումը» սկզբից մինչև վերջը մի երկար փաստարկ է, իսկ նա խելացի մարդկանցից շատերին է համոզել։ Ոչ-ոք չէր կարող գրել այն գիրքը, չունենալով կշռադատելու ընդունակություն։ Ես ունեմ հնարամտության բավականաչափ բաժին և առողջ դատողություն կամ խոհականություն այնչափ, որչափ իր գործը հաջող վարող մի բժիշկ կամ իրավաբան, բայց դրանից ոչ ավելին։

Բայց կարելի է, կարծում եմ, իմ արժանիքը համարել այն, որ ես սովորական միջակ մարդուն գերազանցում եմ ընդհանուրի ուշադրությունից վրիպող որևէ բան նշմարելու ընդունակությամբ և այն մանրազնին կերպով դիտելու կարողությամբ։ Փաստեր հավաքելու ու դիտելու գործում իմ աշխատասիրությունը, կարծում եմ, չէր կարող դրանցից ավելի լինել, քան է՛ր իրականում։ Բայց ամենից ավելի կարևոր է այն, որ ինձ ձգում էր դեպի բնագիտությունը ունեցած ջերմ և երբեք չդավաճանող սերս։

Սակայն այդ մաքուր սերը զգալիորեն զորանում էր փառասիրությամբ, այն ձգտմամբ, որ ես արժանանում եմ բնախույզ ընկերներիս հարգանքին։ Ամենավաղ պատանեկությունից ես ուժեղ ցանկություն էի զգում ըմբռնելու կամ բացատրելու այն, ինչ որ դիտում էի, այսինքն փաստերը ենթարկել օրենքների։ Այդ բոլոր պատճառների ամբողջությունը ինձ ստիպում էր մի շարք տարիների ընթացքում կշռադատել կամ իմ մտքում շուռումուռ տալ այս կամ այն չլուծված հարցը։ Որքան ես կարող եմ դատել, ես կողմնակի ազդեցության կուրորեն ենթարկվելու հակում չունեմ։ Ես հոգատարությամբ ձգտում էի պահպանել իմ մեջ դատողության ազատությունը, այնպես որ հրաժարվում էի նույնիսկ ամենասիրված հիպոթեզից (իսկ ես չեմ կարող հրաժարվել յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հիպոթեզ կազմելու սովորությունից), հենց որ փաստերը հակասում էին նրան։ Եվ իսկապես ես ուրիշ ոչ մի ելք չունեի, որովհետև, բացի կորալյան ծովախութերից, չի եղել իմ հորինած հիպոթեզներից ոչ մեկը, որը հետագայում ես ստիպված չլինեի թողնել կամ զգալիորեն փոփոխել։ Բնականաբար, դա ինձ հարկադրել է անվստահություն տածել դեպի դեդուկտիվ դատողությունը խառը բնույթի գիտություններում։ Մյուս կողմից՝ շատ էլ սկեպտիկ չեմ, իմ կարծիքով՝ մտքի այդպիսի կերտվածքը վնասում է գիտության հաջողություններին։ Գիտնականին օգտակար է որոշ չափով սկեպտիցիզմ ունենալը, որովհետև ազատում է նրան ժամանակի կորստից, բայց ես իմ կյանքում քիչ գիտնականների չեմ հանդիպել, որոնք խույս էին տալիս դիտողությունից կամ փորձից, թեև վերջիններս միայն ուղղակի կամ անուղղակի կերպով օգտակար կլինեին։

Որպես լուսաբանում կբերեմ ինձ հայտնի դեպքերից ամենատարօրինակը։ Մի ջենտլմեն (ինչպես հետագայում ես իմացա՝ տեղական բուսականության գիտակ մեկը) արևելյան մի կոմսությունից ինձ հաղորդեց, որ այս տարի բոլոր դաշտային բակլաների սերմերը աճել են պատիճի ոչ այն կողմից, որը սովորական է։ Ես պատասխանեցի, խնդրելով ավելի մանրամասն ցուցումներ, բայց երկար ժամանակ պատասխան չէի ստանում։ Հետո իմ ձեռքս ընկան երկու հադվածներ, մեկը Քենտի թերթում, մյուսը՝ Յորքշիրի, որտեղ նշվում էր զարմանալի փաստի մասին, որ «բակլաները այս տարի աճել են ոչ այն կողմից»։ Այն ժամանակ ես մտածեցի, որ գուցե որևէ հիմք կա այդքան լայնորեն տարածված պնդման համար։ Ես գնացի խորհրդակցելու իմ ծեր պարտիզպանի հետ, որը ծագումով նույնպես Քենտից էր, բայց նա ինձ պատասխանեց, «Օ ո՛չ, սըր, դա հավանորեն սխալմունք է։ Բակլաները ոչ այն կողմից աճում են միայն նահանջ տարիներին, իսկ հիմա մեզ մոտ տարին նահանջ չէ»։ Այն ժամանակ ես սկսեցի նրան հարցուփորձ անել, թե ինչպես են աճում նրանք սովորական տարիներին և ինչպես նահանջ տարիներին, և շուտով համոզվեցի, որ նա նվազագույն գաղափար չուներ այն մասին, թե նրանք ինչպես են աճում ամեն ժամանակ, բայց նա, այնուամենայնիվ, համառորեն պաշտպանում էր իր կարծիքը։

Որոշ ժամանակ անցնելուց հետո ես իմ առաջին տեղեկատուից ստացա մի նամակ, որտեղ նա ներողություններ էր շռայլում և ինձ բացատրում, որ նա չէր գրի ինձ, եթե միևնույն հայտարարությունը լսած չլիներ մի քանի բանիմաց ֆերմերներից, սակայն դրանից հետո նա առիթ էր ունեցել նորից հարցնելու նրանցից յուրաքանչյուրին և համոզվել էր, որ նրանցից ոչ մեկը ոչ մի պատկերացում չունի, թե ինքը ինչ է հասկացել ասելով, որ բակլաները աճել են ոչ այն կողմից։ Այսպիսով, համարյա ամբողջ Անգլիայում հավատացին,— եթե միայն կարելի է հավատ անվանել այնպիսի պնդումը, որի հետ ոչ մի որոշակի պատկերացում կապված չէ,— այն փաստերին, որի օգտին ապացույցի նշույլ անգամ գոյություն չունի։

Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես հանդիպել եմ դիտավորյալ կեղծ պնդումների, և այն էլ նրանցից մեկը ակնհայտ ստություն էր (այդպիսի դիտական սուտ լուրերը շատ անգամ են շրջանառության մեջ դրվել), բայց և այնպես ամերիկական գյուղատնտեսական մի ամսագիր խաբվել էր նրան։ Այն վերաբերում էր Bos սեռի մի քանի տեսակների տրամախաչման միջոցով (որոնցից մի քանիսի մասին ես հաստատապես գիտեի, որ նրանց տրամախաչումը անպտուղ է) իբրև թե Հոլանդիայում նոր ցեղի ցուլեր ստանալուն, ընդ որում հեղինակը անպատկառություն էր ունեցել պնդելու, թե այդ առթիվ նա ինձ հետ նամակագրություն է ունեցել և ես խորապես զարմացել եմ ստացված արդյունքի կարևորությունից։ Այդ հոդվածը ստացա անգլիական գյուղատնտեսական մի ամսագրի խմբագրությունից, որը ցանկանում էր իմանալ իմ կարծիքը՝ նախքան հոդվածի արտատպումը։

Երկրորդ դեպքը վերաբերում էր այն հայտարարության, որ փորձեր են կատարվել Primula-ի մի քանի տարատեսակների վրա, որոնք իբրև թե տվել են միանգամայն նորմալ քանակությամբ սերմեր, չնայած այն բանին, որ նրանց ծնողական բույսերը խնամքով պահպանվել էին միջատների այցելությունից։ Այդ հոդվածը հրապարակված էր ավելի առաջ, քան ես հայտնագործեցի հետերոստիլիայի նշանակությունը, և ամբողջ հայտարարությունը սկզբից մինչև վերջ սուտ էր, կամ թե միջատներից պաշտպանելու իմաստով այնքան անփույթ կատարված փորձ, որ ամեն մի հավանականությունից անց էր։

Երրորդ դեպքը ավելի հետաքրքրական էր. մ-ր Հյոտը իր «Ամուսնությունը արյունակիցների միջև» գրքում բերել է երկար մեջբերումներ մի բելգիական հեղինակից, որը հայտնել է, թե ինքը ճագարներին շատ սերունդների ընթացքում առանց որևէ վնասի բուծել է ամենամոտ ազգակցական աստիճաններում։ Այդ փորձերի մասին հաշվետվությունը տպագրվել էր մի հարգարժան ամսագրում, Բելգիական թագավորական ընկերության աշխատություններում։ Բայց ես, այնուամենայնիվ, չկարողացա հեռու մնալ կասկածելուց, ինքս էլ չգիտեմ, թե ինչու, ճիշտ է, կենդանիների բուծման վերաբերմամբ իմ ունեցած անձնական փորձառությունը տտիպում էր ինձ այդ արդյունքը համարել բոլորովին անհավատալի։

Այդ պատճառով, թեև երկար տատանումներից հետո, ես դիմեցի պրոֆ. Վան-Բենեդենին հարցումով թե այդ հոդվածի հեղինակը արդյոք արժանի՞ է վստահության։ Ես շուտով իմացա, որ թագավորական ընկերությունը խիստ վրդովված էր, իմանալով, որ այդ ամբողջը խաբեություն է[22]։ Ընկերության ամսագրում հեղինակին բաց հարցում էին արել, որով նրան հրավիրել էին հայտնելու, թե նա որտեղ է ապրում և որտեղ է պահել ճագարների այդ մեծ քանակությունը, որը նրան պետք է հարկավոր լիներ բազմամյա փորձերի համար, բայց ոչ մի պատասխան կարելի չեղավ նրանից ստանալ։

Իմ սովորությունները շատ մեթոդիկ են, և այդ ինձ քիչ օգուտ չի տվել զբաղմունքների իմ բոլորովին բացառիկ տեսակի պայմաններում։ Վերջապես, ստիպված չլինելով իմ ամենօրյա հացը վաստակելու՝ ես ազատ ժամանակ շատ ունեի։ Նույնիսկ վատ առողջությունը, որը ինձնից խլել է մի քանի տարվա կյանք, փրկել է ինձ հասարակության մեջ ցրված կյանքից և աշխարհիկ զվարճությունների վրա ժամանակ կորցնելուց։

Այսպիսով, իմ հաջողությունները կյանքում, որպես գիտության մարդու, ինչպիսին էլ որ էին նրանց չափերը, կախված էին, որքան ես կարող եմ դատել, բարդ և բազմազան մտավոր հատկություններից ու պայմաններից։ Այդ հատկություններից անպայման ամենակարևորներն էին սերը դեպի գիտությունը՝ անսահման համբերությունը ամեն մի հարցի երկարատև կշռադատության ժամանակ, աշխատասիրությունը փաստեր դիտելու և հավաքելու գործում և հնարամտության ու առողջ դատողության բավականաչափ բաժինը։ Զարմանքի արժանի է, որ ունենալով այդպիսի համեստ ընդունակություններ, ես կարողացա որոշ կարևոր հարցերի վերաբերմամբ բավական մեծ չափով ազդել գիտության մարդկանց համոզմունքների վրա։



  1. Քեռուս՝ Ջոշուա Վեջվուդի մոտ։
  2. Քիչ հոգս քաշող։— Խմբ.։
  3. Դեղերի մասին։— Խմբ.։
  4. Ջոշուա Վեջվուդ։
  5. Justum et tenacem propositi virum
    Non civium ardor prava jubentium,
    Non vultus instantis tyranni—
    Mente quatit solida.
    [Իր դատողության մեջ շիտակ և կայուն մարդուն
    Ոչ ստություն քարոզող քաղաքացիների բորբոքումը,
    Ոչ իսկական բռնակալի կամքը,
    Այլ հաստատուն միտքն է սասանեցնում]։

  6. Ուիտլեյ, հետագայում բնապատմության դասատու Դուրհեմի համալսարանում։— Խմբ.։
  7. «Աստված, պահիր թագավորին» — անգլիական ազգային հիմնն է։
  8. Ջենինսը, հետագայում Բլոմֆիլդ, կազմել է «Բիգլ»-ի վրա ճանապարհորդելու ժամանակ Դարվինի հավաքած ձկների հավաքածուների նկարագրությունը։— Խմբ.։
  9. «Փիլիսոփայական հանդես»։— Խմբ.։
  10. Գիտական հանդեսի անունը։— Խմբ.։
  11. Ընդմիջարկությունը Ֆրենսիս Դարվինինն է։— Խմբ.։
  12. Այստեղ նկատվող կարճ կրկնությունը բացատրվում է նրանով, որ Լայելի և այլոց մասին նշումները ավելացված են 1881 թ. ապրիլին, «Հիշողությունները» կազմելուց մի քանի տարի հետո։— Ծանոթութ. Ֆրենսիս Դարվինինն է։
  13. Անվիճելիորեն բուսաբաններից գլխավորը։— Խմբ.։
  14. Թարգմանության չենթարկվող բառախաղ է։— Ծանոթ. Կ. Ա. Տիմիրյազևի [Իսկ բառացի այդ նշանակում է. «Սովորաբար կարծում են, որ իմ ծեր բարեկամուհին, լեդի Կորկը, մոռացված է»]։
  15. Չ. Դարվինի այդ աշխատությունը առաջին անգամ ռուսերեն լեզվով լույս է տեսել 1865 թվականին՝ երկու հատորյակով։— Խմբ.։
  16. Միս Բիրդը, ինչպես ինձ հաղորդեց պրոֆ. Միտսուկուրին, ըստ երևույթին սխալվել է։— Ծանոթութ. Ֆրենսիս Դարվինի։
  17. «Բնության բացված գաղտնիքը»։— Խմբ.։
  18. Վճռողական փորձ։— Խմբ.։
  19. Nunc dimittis tuum, Domine (Արդ արձակես զծառայս քո, Տէ՛ր)։
  20. 1881 թ. նոյեմբերից մինչև 1884 թ. փետրվարը վաճառված է 8500 օրինակ։— Ծանոթությունը անգլերեն հրատարակության խմբագրությանն է (1887 թ.)։
  21. Մանրամասնորեն։— Խմբ.։
  22. Մ-ր Հյոտի եզրակացությունների համար հիմք ծառայող գրանցումների անճշտությունը ինքն ընդունել էր իր հայտարարության մեջ, որը նա զետեղել էր իր գրքի դեռ չվաճառված բոլոր օրինակներում։— Ծանոթ. անգլիական հրատարակության խմբագրության (1887 թ.)։