Հաղթական կամար - XXXIII գլուխ

Գրապահարան-ից

Հաղթական կամար
◀ Հաղթական կամար - XXXII գլուխ


Հեռախոսը զանգեց։ Քնաթաթախ նա վերցրեց լսափողը։

— Ռավիկ․․․— ասաց ինչ-որ մեկը։

— Լսում եմ․․․

Դա Ժոանն էր։

— Շուտ արի ինձ մոտ,— ասաց նա։— Ժոանը խոսում էր դանդաղ ու շատ կամաց։— Հենց այս րոպեին արի, Ռավիկ․․․

— Ոչ։ Չեմ ուզում։

— Պետք է գաս․․․

— Ոչ մի դեպքում։ Ինձ հանգիստ թող։ Ես մենակ չեմ։ Չեմ գա։

— Օգնիր ինձ․․․

Ես քեզ չեմ կարող օգնել․․․

— Բան է պատահել․․․— Ժոանի ձայնը ճնշված էր։— Դու պետք է գաս․․․ առանց ուշացնելու․․․

— Ժոան,— համբերությունը կորցրած վրա բերեց Ռավիկը։― Ներկայացում տալու ժամանակ չէ։ Մի անգամ դա քեզ հաջողվել է։ Բայց երկրորդ անգամ ինձ այլևս չես համոզի։ Ես դա լավ եմ հասկանում։ Ինձ հանգիստ թող։ Այդ խաղերը փորձիր ուրիշի հետ խաղալ։

Առանց պատասխանի սպասելու նա լսափողը ցած դրեց ու փորձեց նորից քնել։ Բայց դա իրեն չհաջողվեց։ Հեռախոսը նորից զանգեց։ Ռավիկը լսափողը չէր վերցնում։ Հեռախոսը զրնգզրնգում էր գիշերային գորշ, ամայի խավարում։ Ռավիկը վերցրեց բարձը և դրեց հեռախոսի վրա։ Խլացած զանգերը որոշ Ժամանակ դեռ շարունակվում էին, հետո լռեցին։

Ռավիկն սպասում էր։ Շուրջը լռություն էր տիրում։ Նա տեղից վեր կացավ, մի սիգարետ վառեց։ Համը դուր չեկավ։ Սիգարետը ճզմեց մոխրամանի մեջ։ Կալվադոսի մնացորդով շիշը դեռ սեղանին էր։ Նա մի կում արեց ու մի կողմ հրեց շիշը։ Այ եթե հիմա սուրճ լիներ, մտածեց նա։ Տաք սուրճ։ Եվ կարագով թարմ բուլկի։ Ռավիկը մի բիստրոյի տեղ գիտեր, որ ամբողջ գիշերը բաց է լինում։

Նայեց ժամացույցին։ Ընդամենը երկու ժամ էր քնել, բայց հոգնածություն չէր զգում։ Բոլորովին միտք չուներ նորից ծանր քուն մտնել և առավոտյան վեր կենալ ամբողջովին ջարդոտված։ Նա մտավ լոգասենյակ, ջուրը բացեց ու կանգնեց ցնցուղի տակ։

Ինչ-որ աղմուկի ձայն եկավ։ Նորի՞ց հեռախոսն է։ Ռավիկը ջուրը կտրեց։ Թրխկթրխկոցի ձայն հասավ ականջին։ Դուռը բախում էին։ Նա խալաթը գցեց վրան։ Դռան ձայնն ուժեղացավ։ Սա Ժոանը լինել չի կարող։ Նա ուղղակի ներս կմտներ։ Դուռը փակած չէր։ Ռավիկը մոտեցավ դռանը և մինչև բացելը մի վայրկյան ականջը սրեց։ Չլինի՞ ոստիկանությունից է։

Ռավիկը դուռը բացեց։ Միջանցքում կանգնած էր մի մարդ, որին ինքը չէր ճանաչում, բայց շատ աղոտ հիշեցնում էր ինչ֊որ մեկին։ Նրա հագին սմոկինգ էր։

— Բժիշկ Ռավի՞կն է։

Ռավիկը չպատասխանեց։ Նա սպասողական նայում էր անծանոթին։

― Ի՞նչ եք ցանկանում,— հարցրեց նա։

— Դուք բժիշկ Ռավի՞կն եք։

— Ավելի լավ է ասեք, ի՞նչ եք ուզում։

— Եթե դուք բժիշկ Ռավիկն եք, ապա անմիջապես պետք է գնաք Ժոան Մադուի մոտ։

— Ահա՛ թե ինչ։

— Նրան դժբախտություն է պատահել։

— Ի՞նչ դժբախտություն,— թերահավատ քմծիծաղեց Ռավիկը։

— Նրա վրա կրակել են,— ասաց անծանոթը։— Ժոանը վիրավորված է․․․

— Վիրավորվա՞ծ է,— կրկնեց Ռավիկը, նույն թերահավատ քմծիծաղը դեմքին։ Երևի, ձևացրել է, թե ինքնասպանություն է ուզեցել գործի՝ որպեսզի խեղճիս վախեցնի, մտածեց նա։

— Տե՜ր իմ աստված, ես ձեզ ասում եմ, Ժոանը մահանում է,— շշնջաց անծանոթը։— Ի՞նչ եք կանգնել, շուտ եկեք գնանք։ Նա մահանում է։ Ինքս եմ կրակել նրա վրա։

― Ոչ։

— Այո․․․ Ինքս․․․

Ռավիկը մի կողմ նետեց վրայի խալաթը և արագ֊արագ սկսեց հագնվել։

— Դուք տաքսի՞ով եք։

— Իմ մեքենայով եմ։

— Սատանան տանի․․․— Ռավիկը նորից խալաթը գցեց վրան, ճանկեց պայուսակը, կոշիկները, վերնաշապիկը և կոստյումը։— Սրանք մեքենայում կհագնեմ․․․ Գնացինք․․․ շուտ։


Մեքենան թռչում էր գիշերային կաթնագույն խավարի միջով։ Քաղաքը ամբողջովին լուսաքողարկման մեջ էր։ Այլևս Փողոցներ չկային — կար միայն հոսուն, մառախլապատ մի հեռաստան, որի մեջ անսպասելիորեն առկայծում էին կորած կապույտ լույսերը։ Թվում էր, թե մեքենան ծովի հատակով է սլանում։

Ռավիկը վրան գցած խալաթը խրեց նստիքի արանքը և սկսեց կոշիկներն ու շորերը հագնել։ Նա ոչ գուլպաներն էր վերցրել և ոչ էլ փողկապը։ Անհանգիստ հայացքը մեխել էր գիշերային խավարի մեջ։ Նպատակ չուներ մեքենան վարող անծանոթին հարցուփորձ անել։ Նա ամբողջովին կենտրոնացած վարում էր մեքենան և լարված ուշադրությամբ հետևում ճանապարհին։ Խոսելու համար ժամանակ չուներ։ Նա միայն մտահոգված էր, որ հանկարծ մեքենան չխփի ուրիշ մեքենայի, ճանապարհից չշեղվի անսովոր խավարում։ Տասնհինգ րոպե կորած է, մտածեց Ռավիկը։ Ամենաքիչը տասնհինգ րոպե։

— Քշեք որքան կարելի է արագ․․․— ասաց նա։

— Չեմ կարող․․․ ֆառերը միացված չեն․․․ լուսաքողարկում է․․․ հակաօդային պաշտպանություն․․․

— Ուրեմն, ֆառերը միացրեք, ինչ լինում է, լինի։

Անծանոթը միացրեց հեռահար լույսը։ Փողոցի անկյունից մի քանի ոստիկաններ ինչ֊որ բան գոռացին նրանց հետևից։ Դիմացից եկող մի «ռենո», լույսից կուրացած, քիչ մնաց խրվեր նրանց մեքենայի մեջ։

— Շուտ արեք․․․ արագացրեք ինչքան կարող եք.․.

Մեքենան թափով կանգ առավ տան առաջ։ Վերելակի խցիկը ներքևում էր, դուռը բաց։ Վերևի հարկից ինչ֊որ մեկը զայրացած անընդհատ սեղմում էր «կանչի» կոճակը, զանգը առանց դադարի զնգզնգում էր։ Ըստ երևույթին, Ժոանի ծանոթը վերելակի խցիկից դուրս գալիս մոռացել էր շրխկացնել ու փակել դուռը։ Սա շատ լավ է, մտածեց Ռավիկը, մի քանի րոպե կտնտեսենք։

Խցիկը սողաց դեպի վեր։ Մի անգամ ինքը բարձրացել էր արդեն այդ խցիկում։ Այն ժամանակ ոչինչ չէր պատահել։ Չի պատահի նաև այս անգամ․․․ Վերելակը հանկարծ կանգ առավ։ Ինչ֊որ մեկը նրա ապակուց ներս նայեց և բացեց դուռը։

— Ի՞նչ է նշանակում խցիկն այսքան երկար ներքևում պահել։

Դա հենց այն մարդն էր, որն անընդհատ զանգ էր տալիս։

Ռավիկը նրան ետ հրեց և շրպպալով փակեց դուռը։

― Սպասեք։ Մենք բարձրանանք հետո։

Վերելակը նորից վեր սողաց։ Չորրորդ հարկի մարդը հայհոյեց ու սկսեց կատաղած նորից զանգ տալ։ Վերելակը կանգ առավ։ Ռավիկը նույն վայրկյանին թափով բացեց դուռը, որպեսզի չորրորդ հարկի մարդը չհասցնի կատաղությունից սեղմել «կանչի» կոճակը ու նրանց նորից ցած բերի։

Ժոանը պառկած էր մահճակալին, նրա հագինը իրիկնային մի շոր էր, ամուր կոճկված մինչև կոկորդը։ Արծաթագույն այդ շորի վրա ամենուրեք արյան բծեր էին։ Արյունոտված էր նաև հատակը։ Հենց այդտեղ էլ նա ընկել էր։ Իսկ այդ ապուշը վերցրել և դրել էր մահճակալին։

― Հանգիստ եղիր,— ասաց Ռավիկը,— հանգիստ։ Ամեն ինչ լավ կլինի։ Սարսափելի ոչինչ չկա։

Ռավիկը շորի ուսերը կտրեց և զգուշորեն ներքև քաշեց։ Կուրծքը չէր վնասվել, գնդակը կպել էր վզին։ Կոկորդն, ըստ երևույթին, նույնպես վիրավորված չէր, այլապես Ժոանը չէր կարող հեռախոսով խոսել նրա հետ։ Անվնաս էր նաև զարկերակը։

— Ցավո՞ւմ է,— հարցրեց Ռավիկը։

— Այո։

— Շա՞տ։

— Այո․․․

— Հիմա ցավերը կանցնեն։

Ռավիկը շպրիցը լցրեց ու նայեց Ժոանի աչքերին։

— Ուրիշ բան չէ։ Միայն ցավերը հանգստացնելու համար է։ Հիմա կհանգստանաս։— Ռավիկը սրսկեց։— Արդեն վերջացավ։— Նա շրջվեց դեպի իրեն բերող տղամարդը։— Զանգահարեք Պասսի 2741։ Շտապ օգնություն կանչեք և երկու սանիտար։ Շուտ։

— Ի՞նչս է,— հազիվ բառերն արտասանելով, հարցրեց Ժոանը։

— Պասսի 2741,— կրկնեց Ռավիկը։— Այս րոպեիս։ Առանց մի վայրկյան հապաղելու։ Շո՛ւտ։ Հեռախոսի համարը գրեք։

— Ի՞նչ է եղել․․․ Ռավիկ։

— Վտանգավոր ոչինչ չկա։ Բայց այստեղ ինձ համար դժվար է որոշել, թե ինչ է։ Քեզ պետք է հիվանդանոց տանել։

Ժոանը նայեց Ռավիկին։ Նրա դեմքի կոսմետիկան խառնվել էր իրար, տուշը թարթիչներից հոսել էր ցած, շրթունքների ներկը քսվել էր երեսին։ Դեմքի մի կողմը նման էր էժանագին կրկեսի ծաղրածուի, իսկ մյուս կողմը, որտեղ տուշը լղոզել էր աչքի տակը, հոգնած, մաշված պոռնիկի։ Միայն մազերն էին, որ դեռ շարունակում էին շողշողալ։

— Ես չեմ ուզում, որ ինձ վիրահատեն,— շշնջաց Ժոանը։

— Դեռ կտեսնենք։ Գուցե դրա կարիքը չլինի։

— Վտանգավո՞ր է․․․— հարցրեց նա ու չկարողացավ շարունակել։

— Ոչ։— Ասաց Ռավիկը։— Անհանգստանալու կարիք չկա։ Ես պարզապես հետս ոչ մի գործիք չունեմ։

— Գործի՞ք․․․

— Ստուգման համար։ Ես պետք է հիմա․․․ Մի՛ վախենա, չեմ ցավեցնի․․․

Սրսկումն իր գործը տեսավ։ Ժոանի աչքերից չքացավ սարսափի արտահայտությունը։ Ռավիկն սկսեց զգուշորեն զննել վերքը։ Տղամարդը վերադարձավ։

— Շտապ օգնությունը հիմա ուր որ է կգա։

— Զանգահարեք Օտեյ 1357։ Դա կլինիկա է։ Ես ուզում եմ խոսել նրանց հետ։

— Տղամարդը հնազանդորեն չքացավ։

— Դու ինքդ ես ինձ օգնելու,— շշնջաց Ժոանը։

— Իհարկե։

— Միայն թե ոչ մի ցավ չզգամ։

— Ոչ մի ցավ չես զգա։

— Ես չեմ կարող․․․ ես չեմ կարողանա ցավերը տանել․․․— Ժոանը նվաղեց․․․ Նրա ձայնը կամաց-կամաց խլացավ։— Ես պարզապես չեմ դիմանում ցավերին․․․

Ռավիկը նայում էր գնդակի բացած անցքին։ Արյան խոշոր անոթները անվնաս են մնացել։ Գնդակի դուրս գալու անցքը չկա։ Նա ոչինչ չասաց։ Կոմպրեսային վիրակապ դրեց, Ժոանին առանց հայտնելու, թե ինքն ինչից է վախենում։

— Քեզ ո՞վ է դրել մահճակալին,— հարցրեց Ռավիկը։— Դու ի՞նքդ ես բարձրացել․․․

— Ոչ, նա է դրել։

— Դու․․․ Դու կարողանո՞ւմ էիր քայլել․․․

Ժոանի պղտորված, լճակների նման մեծ-մեծ աչքերում նորից սարսափ հայտնվեց։

— Ինչ․․․ ես․․․ ասո՞ւմ․․․ Ես․․․ ոչ․․․ ոտքս չէի կարողանում շարժել․․․ Ոտքս ի՞նչ է եղել, Ռավիկ։

― Ոչ մի բան։ Ես այդպես էլ ենթադրում էի։ Ամեն ինչ կանցնի։

Տղամարդը վերադարձավ։

— Կլինիկան է․․․

Ռավիկն արագ մոտեցավ հեռախոսին։

— Ո՞վ է խոսում։ Էժենի՞։ Մի հիվանդասենյակ․․․ այո․․․ և կանչեք Վեբերին։— Ռավիկը աչքը գցեց ննջարանի կողմը և կամացուկ ավելացրեց։— Ամեն ինչ շտապ պատրաստեք։ Անմիջապես պետք է վիրահատել։ Ես շտապ օգնություն եմ կանչել։ Այստեղ դժբախտություն է պատահել․․․ Այո․․․ այո․․․ ճիշտ է․․․ այո, տասը րոպեից հետ․․․

Ռավիկը լսափողը ցած դրեց և մի պահ այդպես մնաց տեղում կանգնած։ Սեղան։ Մի շիշ անանուխի թրմօղի։ Գարշելի այդ խմիչքը։ Ըմպանակներ։ Վարդաթերթերից պատրաստած սիգարետներ։ Եվ, վերջապես, զզվելի մի ֆիլմ. գորգի վրա ընկած ռևոլվեր և հենց նույն տեղում թափված արյուն․․․ Այդ բոլորը ճիշտ չէ․․․ Ինչո՞ւ եմ ես այդպես մտածում․․․ Ոչ․․․ բոլորը ճիշտ է․․․ Հիմա արդեն նա գիտեր, թե ով է իրեն մեքենայով այստեղ բերող այդ մարդը։ Ուղիղ ուսերով կոստյում, յուղած և խոզանակով հանգամանորեն սղալած մազեր, «Շեվալիե դ'Օրսե» դուխու թեթև բուրմունք, որը նրան ամբողջ ճանապարհի ընթացքում գրգռում էր, մատներին շարած մատանիներ․․․ Դա հենց այն դերասանն է, որի սպառնալիքների վրա ինքն այնպես ծիծաղում էր։ Լավ է նշան բռնել, մտածեց Ռավիկը։ Ասենք, ամենևին էլ նշան չի բռնել։ Այսքան ճիշտ նշան վերցնելը հնարավոր չէ։ Այդքան ստույգ կարելի է կպչել միայն այն ժամանակ, երբ մարդ կրակում է անուշադիր և կպչել չի ցանկանում։

Ռավիկը վերադարձավ ննջարան։ Դերասանը ծնկի էր եկել մահճակալի առաջ։ Այդ էր պակաս ծնկի չգար։ Ուրիշ ի՞նչ կերպ կարող էր վարվել։ Խոսում էր, տրտնջում, նորից էր խոսում, և խոսքերը գլգլալով թափվում էին նրա միջից․․․

— Վեր կացեք,— ասաց Ռավիկը։

Դերասանը հնազանդորեն տեղից կանգնեց և մեքենայորեն թափ տվեց ծնկների փոշին։ Ռավիկը նայեց նրա երեսին։ Արցո՞ւնք։ Ինչպե՜ս չէ։

— Ես չէի ուզում, մեսյո։ Երդվում եմ ձեզ, ես չէի ուզում, որ գնդակը կպչի նրան․․․ Սա պատահականություն է․․․ կույր և դժբախտ պատահականություն։

Ռավիկի սիրտը խառնեց։ Կույր, դժբախտ պատահականություն։ Հիմա նույնիսկ կսկսի յամբերով խոսել։

— Ես դա գիտեմ։ Գնացեք ներքև և սպասեք շտապ օգնությանը։

Դերասանը ուզեց ինչ֊որ բան ասել։

— Գնացեք,— ասաց Ռավիկը։— Եվ այդ անիծյալ վերելակի խցիկը պատրաստ պահեք։ Աստված գիտե, թե մենք ինչպես ենք պատգարակը դրա մեջ խրելու։

— Դու ինձ կօգնես, Ռավիկ,— ասաց Ժոանը քնկոտ ձայնով։

— Անպայման,— ասաց նա, առանց որևէ հույս ունենալու։

— Դու ինձ հետ ես։ Ես միշտ հանգիստ եմ զգում, երբ դու ինձ հետ ես լինում։

Ներկերից կեղտոտված երեսը ժպտաց։ Ծաղրածուն քմծիծաղեց, պոռնկուհին ժպտալու ճիգեր արեց։

— Բեբե, ես դա չէի ուզում․․․— ասաց դռան շեմին կանգնած դերասանը։

— Դուրս,― բղավեց Ռավիկը։— Դուրս այստեղից, գրողը ձեզ տանի։

Որոշ ժամանակ Ժոանը հանգիստ պառկած էր։ Հետո աչքերը բացեց։

— Դա ապուշի մեկն է,— ասաց Ժոանը զարմանալի պարզ։— Իհարկե, նա այդպես չէր ուզում, այդ անճարակ ողորմելին․․․ իրեն ուզում էր մեծավարի պահել։— Ժոանի աչքերում հանկարծ հայտնվեց տարօրինակ, գրեթե խորամանկ մի արտահայտություն։— Ես ինքս էլ չէի դրան հավատում․․․ և գրգռում էի․․․

— Դու չպետք է խոսես, չի կարելի։

— Այո, գրգռում էի․․․— Ժոանի աչքերը գրեթե փակվել էին։— Եվ ահա թե ինչով դա վերջացավ, Ռավիկ․․․ իմ կյանքը..․ նա չէր ուզում ինձ խփել․․․ բայց խփեց․․․ և ահա․․․

Ժոանի աչքերը լրիվ փակվեցին, ժպիտը հանգավ։ Ռավիկը ականջը սրեց դեպի դռան կողմը։


― Մենք չենք կարող պատգարակը վերելակի խցիկը մտցնել։ Նեղ է։ Ծայրահեղ դեպքում պետք է թեք դրվի, կիսականգնած։

— Իսկ սանդուղքի հարթակներում կարո՞ղ եք շրջվել։

Սանիտարը դուրս եկավ սանդղահարթակները տեսնելու։

— Երևի կարողանանք,— ասաց նա վերադառնալով։— Պտույտներին պետք է վեր բարձրացրած տանենք։ Միայն թե ավելի լավ կլինի հիվանդին կապել։

Սանիտարները Ժոանին կապեցին պատգարակին։ Նա կիսաուշագնաց վիճակում էր։ Ժամանակ առ ժամանակ տնքում էր միայն։ Պատգարակը սենյակից դուրս բերին։

— Ձեզ մոտ բանալի կա՞,— հարցրեց Ռավիկը դերասանին։

— Ինձ մո՞տ․․․ ոչ․․․ ինչո՞ւ․․․

— Դուռը փակելու համար։

— Ոչ․․․ ինձ մոտ չկա․․․ բայց բանալին պետք է որ այստեղ լինի։

— Ուրեմն, գտեք և փակեք դուռը։— Սանիտարներն արդեն հաջորդ հարկում պատգարակը բարձրացրած պտտում էին։— Վերցրեք ռևոլվերը։ Դրսում կշպրտեք։

— Ես․․․ ես․․․ ինքս կգնամ, կներկայանամ ոստիկանություն։ Վերքը վտանգավո՞ր է։

— Այո։

Դերասանն սկսեց քրտնել։ Քրտինքը հանկարծ բոլոր ծակոտիներից այնպես ողողեց նրան, որ թվում էր, թե մաշկի տակ ջրից բացի ուրիշ ոչինչ չկա։ Նա վերադարձավ բնակարան։

Ռավիկը գնում էր պատգարակը տանող սանիտարների հետևից։ Սանդուղքը լուսավորված էր էլեկտրական լույսով, որը երեք րոպեից հետո ավտոմատիկ կերպով հանգչում էր։ Յուրաքանչյուր հարկում մի կոճակ կար, որը սեղմելիս լույսը նորից էր վառվում։ Սանիտարները սանդուղքն իջնում էին բավական արագ և հեշտ։ Միայն պտույտների ժամանակ էր, որ գործը դժվարանում էր։ Պատգարակը պետք է բազրիքներից ու գլխներից վեր բարձրացնեին, որպեսզի հնարավորություն լիներ պտտվել։ Վիթխարի ստվերները պատերի վրայով այս ու այն կողմ էին օրորվում։ Ե՞րբ է արդյոք այս բոլորը եղել,— մտածեց Ռավիկը։ Բայց ինչ֊որ տեղ մի ժամանակ ճիշտ այսպիսի մի բան է եղել․․․ Եվ նա հիշեց Ռաչինսկուն, որի մարմինը ճիշտ այս ձևով դուրս էին տանում։ Դա Ժոանի հետ ծանոթանալու սկզբնական շրջանում էր։

Պտույտներին պատգարակի ծայրերը կպչում էին պատերին, տեղ֊տեղ ծեփերը թափվում։ Սանիտարները բարձրաձայն խոսում էին միմյանց հետ։ Սանդղահարթակներին կիսով չափ բացվում էին դռները։ Մարդիկ հետաքրքրությամբ գլուխները դուրս էին հանում ճեղքերից, թե ինչ է պատահել, հետաքրքրասեր դեմքեր, խռիվ տված մազեր, պիժամաներ, խալաթներ — ծիրանեգույն, թունավոր — կանաչ, տրոպիկական ծաղիկներով․․․

Սանդուղքի լույսը նորից հանգավ։ Սանիտարները ինչ-որ բան փնթփնթացին մթում և կանգ առան։

— Լույսը վառեք։

Ռավիկը խավարում սկսեց փնտրել լույսի կոճակը և մատը սեղմեց ինչ֊որ մեկի կրծքին։ Հանկարծ նրա քթին խփեց գարշահոտ մի շունչ․․․ Ծունկը կպավ փափուկ ինչ֊որ բանի։ Լույսը նորից վառվեց։ Ռավիկի առաջ կանգնած էր դեղին մազերով մի կին և ուղիղ նրան էր նայում։ Կնոջ չաղ ծալք֊ծալք դեմքը ծածկված էր գոլդկրեմի հաստ շերտով ու շողշողում էր։ Նա ձեռքով բռնել էր հազարավոր փոթերով զարդարված կրեպդիշինե խալաթի փեշը և նման էր ժանեկազարդ վերմակի մեջ փաթաթված չաղլիկ բուլդոգի։

— Մեռե՞լ,— հարցրեց նա, փայլեցնելով աչքերը։

— Ոչ։

Ռավիկը շարունակեց իր ճանապարհը։ Ինչ-որ բան ֆշշացրեց, հետո սկսեց ֆրտկացնել ու ետ-ետ ցատկել։ Կատու էր։

— Ֆիֆի։— Կինը կռացավ, լայն դնելով իր ծանր ծնկները։— Աստված իմ, ֆիֆի, թաթիկդ տրորեցի՞ն։

Ռավիկը շարունակում էր սանդուղքով ցած իջնել։ Նրանից քիչ ներքև օրորվում էր պատգարակը։ Նա տեսավ Ժոանի գլուխը, որը սանիտարների քայլքին համընթաց օրորվում էր։ Սակայն Ժոանի աչքերը նա տեսնել չկարողացավ։

Սանդուղքի վերջին հատվածը։ Լույսը նորից հանգավ։ Ռավիկն աստիճաններով ետ գնաց, որպեսզի նորից սեղմի լույսի կոճակը։ Հենց նույն այդ րոպեին ճռնչաց վերելակը և, կարծես երկնքից, խավարում հայտնվեց վերելակի լուսավորված խցիկը, որի մեջ կանգնած էր դերասանը։ Անձայն ու առանց կանգ առնելու, նա Ռավիկի և սանիտարների կողքով ուրվականի նման սահեց ներքև։ Դերասանը, վերելակի խցիկը վերևում տեսնելով, օգտվել էր առիթից, որպեսզի շուտ հասնի պատգարակին։ Դա խելամիտ էր, բայց թվում էր անիրական և զարմանալիորեն ծիծաղելի։


Ռավիկն աչքերը բարձրացրեց։ Ձեռքերն այլևս ոչ դողում էին, ոչ էլ քրտնում ռետինե ձեռնոցների մեջ, որոնք երկու անգամ արդեն փոխել էր։

Վեբերը կանգնած էր նրա դիմաց։

— Ռավիկ, եթե ուզում եք, եկեք Մարտոյին կանչենք։ Ամենաշատը տասնհինգ րոպեից հետո նա այստեղ կլինի։ Թող նա վիրահատի, իսկ ասիստենտը դուք կլինեք։

— Պետք չէ, չափազանց ուշ է։ Բացի այդ, ես չէի կարող կանգնել ու հեռվից նայել։ Ավելի լավ է ինքս անեմ։

Ռավիկը խոր շունչ քաշեց։ Հիմա արդեն հանգիստ էր։ Նա սկսեց աշխատել։ Սպիտակ մաշկ։ Սովորական մաշկ է, ինչպես շատ-շատերինը, ասաց նա ինքն իրեն։ Ժոանի մաշկը նույնպիսի մաշկ է, ինչպես և ուրիշներինը։

Արյուն։ Ժոանի արյունը։ Սովորական արյուն է։ Վիրախծուծ։ Ծվատված մկաններ։ Վիրախծուծ։ Զգույշ։ Շարունակիր։ Արծաթագույն դիպակի մի լաթ։ Թել։ Շարունակիր։ Վերքի անցքը։ Բեկոր։ Շարունակիր։ Գնդակի անցքը, որ տանում է․․․ տանում է․․․

Ռավիկը ճակատի հետևում մի դատարկություն զգաց։ Նա դանդաղորեն շտկվեց։

— Ահա, նայեք․․․ Յոթերորդ ողն է․․․

Վեբերը կռացավ վերքի վրա։

— Վատ բան է երևում։

— Ոչ միայն վատ։ Այլև անհուսալի։ Ոչինչ այլևս օգնել չի կարող։

Ռավիկը նայեց իր ձեռքերին, որոնք ռետինե ձեռնոցների մեջ շարժվում էին։ Ուժեղ ձեռքեր են։ Լավ ձեռքեր են։ Հազարավոր մարմիններ են կտրել ու նորից կարել։ Շատ հաճախ այս ձեռքերի բախտը բերել է, իսկ մեկ-մեկ էլ պատահել է, որ բախտ չեն ունեցել։ Սակայն երբեմն էլ այնպես է եղել, որ գրեթե հրաշքներ են գործել, անհնարը դարձնելով հնարավոր․․․ Բայց այժմ, երթ ամեն ինչ այդ ձեռքերից է կախված, նրանք բոլորովին անզոր գտնվեցին։

Նա ոչինլ անել չէր կարող։ Այստեղ ոչ ոք չէր կարող արդեն որևէ բան անել։ Վիրահատելն այլևս ոչ մի իմաստ լուներ։ Ռավիկը կանգնել ու նայում էր վերքի կարմիր բացվածքին։ Նա կարող էր Մարտոյին կանչել, բայց դրությունը դա ոչնչով չէր կարող փոխել։ Այդ նույնը ասելու էր նաև Մարտոն։

— Ոչինլ հնարավո՞ր չէ անել,— հարցրեց Վեբերը։

— Ոչ մի բան։ Միջամտությունը կարող է միայն վախճանն արագացնել։ Տեսնո՞ւմ եք, գնդակը որտեղ է նստած։ Սա չի կարելի նույնիսկ հեռացնել։

— Զարկերակը թռթռացող է, արագանում է․․․ հարյուր երեսուն․․․ — ասաց Էժենին էկրանի հետևից։

Վերքը գորշավուն երանգ էր ստացել, թվում էր, թե մահվան շունչը արդեն հպվել է նրան։ Ռավիկը կոֆեինով լի շպրիցը ձեռքին, պատրաստ կանգնած էր։

— Կորամի՜ն։ Շո՛ւտ։ Նարկոզը դադարեցնել։— Նա երկրորդ ասեղը սրսկեց։— Հը, ինչպե՞ս է հիմա։

— Անփոփոխ է։

— Արյան վրա դեռ պահպանվում է կապարային երանգը։

— Պատրաստ պահեք ադրենալինով շպրիցը և թթվածնով ապարատը։

Արյունը մգանում էր։ Թվում էր, երկնքով սուրացող ամպերից ստվեր է ընկել վրան։ Թվում էր մեկը կանգնել է լուսամատի առաջ և քաշել վարագույրները։

— Արյուն,— հուսահատ ասաց Ռավիկը։— Պետք է արյուն ներարկել։ Բայց ես չգիտեմ նրա արյան խումբը։

Ապարատը նորից գործի դրվեց։

— Հը, ինչպե՞ս է։ Զարկերա՞կը։

— Զարկերակն ընկնում է։ Հարյուր քսան։ Մղումը՝ շատ թույլ։

Կյանքը ետ էր գալիս։

— Իսկ հիմա՞։ Լա՞վ է։

— Նույնն է։

Ռավիկը մի քիչ սպասեց։

— Հիմա՞։ Չլավացա՞վ։

― Լավացավ։ Համաչափ է։

Ստվերներն անհետացան։ Վերքի գորշացող եզրերը սկսեցին ալ գույն ստանալ։ Արյունը նորից նմանվեց արյան։ Արյունը դեռ արյուն էր։ Ապարատն աշխատում էր։

— Կոպերը շարժվեցին,— ասաց Էժենին։

— Ոչինչ։ Հիմա կարող է արթնանալ։

Ռավիկը վիրակապ դրեց։

— Զարկերա՞կը։

— Համաչափ է։

— Մի քիչ շո՞ւտ եղավ,— ասաց Վեբերը,— եթե մի րոպե էլ դիմանար․․․

Ռավիկն զգաց, որ կոպերը ծանրացան։ Դա քրտինքից էր։ Քրտինքի առատ, ծանր կաթիլներից։ Նա շտկվեց։ Ապարատը դժժում էր։

— Մի անջատեք, թող աշխատի։

Ռավիկը պտտվեց սեղանի շուրջը և մի րոպե կանգ առավ։ Նա ոչինչ չէր մտածում։ Միայն ապարատին էր նայում և Ժոանի դեմքին, որը թեթևակի ցնցվում էր։ Նա դեռ չէր մահացել։

— Շոկ է,— ասաց Ռավիկը Վեբերին։— Ահա արյան նմուշը։ Պետք է ուղարկել անալիզի։ Որտեղի՞ց կարող ենք արյուն ստանալ։

— Ամերիկյան հոսպիտալից։

— Լավ։ Կփորձենք։ Ճիշտ է, վերջին հաշվով դա չի օգնի։ Միայն վախճանը ինչ-որ չափով կերկարացնի։— Ռավիկը նայեց ապարատին։— Մենք ոստիկանություն պե՞տք է հայտնենք։

— Այո,— ասաց Վեբերը։— Ես դա պետք է արած լինեի։ Բայց այն ժամանակ իսկույն կհայտնվեն ոստիկանության երկու ներկայացուցիչներ և կսկսեն ձեզ հարցաքննել։ Դուք դա կուզեի՞ք։

— Ոչ։

— Լավ։ Մենք կեսօրին մի անգամ էլ կանդրադառնանք այդ հարցին։

— Ապարատը կարելի է անջատել, Էժենի,— ասաց Ռավիկը։

Ժոանի քներակների գույնը նորից տեղը եկավ։ Դեմքի գորշագույն սպիտակի վրա վարդագույն երանգ հայտնվեց։ Զարկերակը խփում էր համաչափ, թույլ և հստակ։

— Արդեն կարող ենք տանել հիվանդասենյակ։ Ես մնալու եմ կլինիկայում։

Ժոանը շարժվեց։ Ավելի ճիշտ շարժվեց նրա մի ձեռքը, աջը։ Ձախ ձեռքն անշարժ էր։

— Ռավիկ,— ասաց Ժոանը։

— Լսում եմ, Ժոան․․․

— Ինձ վիրահատե՞լ ես։

― Ոչ, Ժոան։ Դրա անհրաժեշտությունը չկար։ Մենք միայն վերքը մաքրեցինք։

— Դու այստե՞ղ ես մնալու։

— Այո։

Ժոանը փակեց աչքերը և նորից քնեց։ Ռավիկը մոտեցավ դռանը։

— Ինձ մի քիչ սուրճ բերեք,— ասաց նա բուժքրոջը։

— Սուրճ և բուլկի՞։

— Ոչ։ Միայն սուրճ։

Ռավիկը վերադարձավ հիվանդասենյակ և բացեց լուսամուտը։ Քաղաքի տանիքների վրա տարածվել էր մաքուր և շողշողուն առավոտը։ Ճնճղուկները ծլվլում էին։ Ռավիկը նստեց լուսամուտի գոգին, վառեց սիգարետը և սկսեց ծխել ու դուրս փչել ծուխը։

Բուժքույրը սուրճը բերեց։ Ռավիկը վերցրեց նրանից սուրճի գավաթը, դրեց իր մոտ պատուհանի գոգին և, ծխելով, կամաց-կամաց սկսեց խմել սուրճը և նայել դեպի դուրս։ Երբ դրսի պայծառ լույսին սովորած աչքերը շրջում էր սենյակի կողմը, սենյակը նրան բոլորովին մութ էր թվում։ Ռավիկը տեղից ելավ և նայեց Ժոանին։ Նա քնած էր։ Երեսը մաքուր լվացած էր և շատ գունատ։ Շրթունքները հազիվ էին երևում։

Ռավիկը վերցրեց սրճամանով ու սուրճի գավաթով փոքրիկ մատուցարանր և դուրս տարավ միջանցք, դրեց այնտեղի սեղանին։ Միջանցքից մաստիկայի և թարախի հոտ էր գալիս։ Բուժքույրը նրա մոտով տարավ օգտագործված բինտերի դույլը։ Ինչ-որ տեղ բվվում էր փոշեծծիչը։

Ժոանը տեղում անհանգիստ շարժվեց։ Հիմա ուր որ է կարթնանա։ Կարթնանա և նորից կսկսի ցավեր զգալ։ Ցավերը կուժեղանան։ Նա դեռ մի քանի ժամ կամ մի քանի օր կարող է ապրել։ Այդ ցավերն այնպես կուժեղանան, որ սրսկումներն այլևս ոչ մի ազդեցություն ունենալ չեն կարող։

Ռավիկը գնաց շպրից ու ամպուլաներ բերելու։ Երբ նա վերադարձավ, Ժոանն աչքերը բացեց։ Ռավիկը հայացքը շրջեց նրա կողմը։

— Գլուխս ցավում է,— շշնջաց Ժոանը։

Ռավիկն սպասում էր։ Ժոանը փորձեց գլուխը շարժել։ Թվում էր նրա կոպերը սոսկալի ծանրացել են, և մեծ ճիգեր են պետք, որպեսզի կարողանա աչքերը շրջի Ռավիկի կողմը։

— Գլուխս կարծես կապարից լինի․․․— նրա հայացքը պարզեց։— Ես չեմ կարող այս բոլորին դիմանալ․․․

— Ռավիկը սրսկեց։

— Հիմա ամեն ինչ կանցնի․․․

— Առաջ այսպես չէր ցավում․․․ — Ժոանը մի փոքր գլուխը թեքեց։— Ռավիկ,— շշնջաց նա,— ես տանջվել չեմ ուզում։ Ես․․․ խոստացիր ինձ, որ ես չեմ տառապելու․․․ իմ տատը․․․ ես տեսել եմ նրան․․․ այդպես ապրել չեմ ուզում․․․ Տատիս ոչինչ չէր օգնում․․․ Խոստացիր ինձ․․․

— Ես խոստանում եմ քեզ, Ժոան։ Դու շատ ցավեր չես ունենա։ Համարյա ոչ մի ցավ չի լինի․․․

Նա ատամները սեղմեց իրար։

— Դեղը շո՞ւտ կօգնի։

— Այո․․․ շատ շուտ․․․ Մի երկու րոպեից․․․

— Իսկ թևս ի՞նչ է եղել․․․

— Ոչինչ չի եղել։ Դու պարզապես հիմա չես կարող շարժել։ Բայց շուտով դա կանցնի։

— Իսկ ո՞տքս․․․ աջ ոտքս․․․

Նա փորձեց ոտքը ցույց տալ։ Բայց շարժել չկարողացավ։

— Նույնը և ոտքդ է, Ժոան։ Դրա համար մի անհանգստանա։ Դա նույնպես կանցնի։

Ժոանը հազիվ նկատելի գլուխը շարժեց։

— Իսկ ես..․ պատրաստվում էի․․․ ուրիշ կերպ ապրել․․․ — շշնջաց նա։

Ռավիկը լուռ էր։ Դրան պատասխանելու բան չկար։ Գուցե դա ճշմարիտ էր․․․ Ո՞վ է, որ չի ուզում միշտ ուրիշ կերպ ապրել․․․․

Ժոանը նորից գլուխը անհանգիստ շարժումով մի կողմից մյուսը թեքեց։ Միապաղաղ, տանջված ձայն։

— Լավ էր․․․ որ դու․․․ եկար։ Առանց քեզ ի՞նչ էր լինելու։

— Այդ մասին մտածելու կարիք չկա, Ժոան։

Լա՜վ էր, որ եկա․․․ կարծես թե առանց ինձ նույնը չէր լինելու, հուսահատ մտածեց Ռավիկը։ Ոչինչ չէր փոխվի, առանց ինձ էլ նույնն էր լինելու։ Ուզածդ փինաչին ինձանից վատ չէր գլուխ հանի։ Ուզածդ փինաչին։ Միակ անգամն էր, որ ես այնքա՜ն էի զգում իմ փորձի և գիտելիքների կարիքը, և այդ բոլորը զուր անցավ։ Ամենասովորական հեքիմն էլ կարող էր անել այն, ինչ ես եմ անում։ Ի՜նչ է իմ արածը․․․ ոչինչ։


Կեսօրվա մոտ Ժոանը ամեն ինչ հասկացավ։ Ռավիկը նրան ոչինչ չասաց։ Բայց հանկարծ նա ամեն ինչ ինքը հասկացավ։

— Ես չեմ ուզում հաշմանդամ դառնալ, Ռավիկ․․․ ի՞նչ է պատահել իմ ոտքերին․․․ ոտքերս էլ չեն․․․

— Ոչ մի բան քո ոտքերին չի եղել․․․ Երբ ապաքինվես, նորից կանգնես ոտքի, կքայլես նույն ձևով, ինչպես մինչև հիմա ես քայլել։

— Երբ ես․․․ նորից․․․ ոտքի կանգնե՞մ․․․ ինչո՞ւ ես ստում, Ռավիկ։ Քո ինչի՞ն է․․․ այդ սուտը պետք․․․

— Ես չեմ ստում, Ժոան։

— Ստում ես․․․ դու պարտավոր ես ստել․․․ Միայն թե ինձ չթողնես, որ երկար պառկած մնամ․․․ եթե ինձ ցավերից բացի, ուրիշ ոչինչ չի մնում․․․ խոստացիր ինձ այդ․․․

— Խոստանում եմ։

— Եթե ցավերս շատ խիստ լինեն, դու ինձ որևէ բան պետք է տաս։ Իմ տատը․․․ հինգ օր պառկեց․․․ և անընդհատ բղավում էր։ Ես դա չեմ ուզում, Ռավիկ։

— Դու չես բղավի։ Այդպիսի ցավեր դու չես ունենա, Ժոան։

— Ուժեղ ցավերի դեպքում․․․ այնպիսի դոզա կտաս․․․ որ իսկույն վերջանա․․․ մեկընդմիշտ․․․ Դու պետք է այդ անես․․․ եթե անգամ չուզեմ․․․ կամ գիտակցությունս կորցրած լինեմ․․․ Անում ես այնպես, ինչ ես քեզ հիմա ասում եմ․․․ Անկախ նրանից, թե հետո ինչ եմ ասելու․․․ Դա իմ վերջին խոսքն է․․․ խոսք տուր, որ կանես։

— Ես քեզ խոսք եմ տալիս։ Բայց դրա կարիքը չի լինի։

Սարսափի արտահայտությունը Ժոանի աչքերից չքացավ։ Նա իսկույն խաղաղվեց։

— Դու իրավունք ունես այդպես վարվելու, Ռավիկ, շշնջաց Ժոանը։— Չէ՞ որ առանց քեզ ես հիմա․․․ միևնույն է, արդեն կենդանի չէի լինի։

— Անմիտ բաներ մի՛ ասա։ Ինչո՞ւ կենդանի չպետք է լինեիր․․․

— Ոչ։ Չէի լինի․․․ ես այն ժամանակ ուզում էի․․․ Հիշո՞ւմ ես․․․ երբ առաջին անգամ ինձ հանդիպեցիր․․․ ուզում էի վերջ տալ կյանքիս․․․ այլևս ելք չէի գտնում․․․ Այս մի տարին դու ես նվիրել ինձ․․․ Սա քո նվերն է.․. Քո նվիրած ժամանակը։— Ժոանը դանդաղ գլուխը շրջեց Ռավիկի կողմը․․․— ինչո՞ւ ես քեզ մոտ չմնացի․․․

— Դա իմ մեղքով էր, Ժոան։

— Ոչ։ Դա․․․ Ես ինքս էլ չգիտեմ, թե ինչ էր․․․

Լուսամուտից այն կողմ ոսկյա կեսօր էր։ Վարագույրները քաշած էին, բայց կողքերից լույսը ներս էր թափանցում։ Ժոանը թմրեցնող դեղերի ազդեցությունից կիսաքնային վիճակի մեջ էր։ Նրանից քիչ բան էր մնացել։ Կարծես ընդամենը այդ մի քանի ժամը գայլեր դառած լափել էին նրան։ Թվում էր, թե մարմինը վերմակի տակ հալվել է, դիմադրող ուժերը չքացել են։ Նա ընկած էր կիսաքնային ու կիսարթուն վիճակում։ Երբեմն գիտակցությունը լրիվ կորցնում էր, իսկ երբեմն էլ սթափվում էր ու միտքը պայծառանում։ Ցավերը սաստկացան։ Ժոանն սկսեց տնքալ։ Ռավիկը նորից մի ասեղ սրսկեց։

— Գլուխս․․․— հազիվ լսելի ասաց նա։— Գլուխս պայթում է․․․

Մի քանի րոպե հետո Ժոանը նորից սկսեց խոսել։

— Լույսը․․․ լույսը շատ է․․․ այրում է․․․

Ռավիկը մոտեցավ լուսամուտին, իջեցրեց գալարավարագույրը և կողքերից ամուր փակեց, որպեսզի ոչ մի տեղից լույս չընկնի։ Սենյակն ամբողջովին մթնեց։ Ռավիկը գնաց և նստեց մահճակալի մոտ։

— Ինչքա՜ն երկար է տևում․․․ այլևս ոչինչ չի օգնում, Ռավիկ․․․

― Մի քանի րոպեից հետո կանցնի։

Ժոանը պառկել էր անշարժ։ Վերմակի երեսին ընկած էին նրա մեռելային ձեռքերը։

― Ես քեզ․․․ շատ բան․․․ ունեմ ասելու․․․

— Հետո կասես, Ժոան․․․

— Ոչ։ Հիմա պետք է ասեմ․․․ Այլևս սպասելու..․ ժամանակ չկա․․․ Շատ բան ունեմ․․․ բացատրելու․․․

— Ես դրանք գիտեմ մեծ մասամբ, Ժոան։

— Գիտե՞ս։

— Կարծում եմ, որ գիտեմ։

Սկսվեց ջղաձգումնեյրի ալիքը։ Ռավիկը տեսնում էր, թե ինչպես են այդ ալիքները անցնում Ժոանի մարմնով։ Նրա ոտքերն արդեն կաթվածահար էին։ Ձեռքերը նույնպես։ Կենդանի մնացել էր միայն կուրծքը, որը դեռ շարունակում էր բարձրանալ ու իջնել։

— Դու գիտես․․․ ես միշտ քեզ հետ եմ եղել միայն։

— Գիտեմ, Ժոան․․․

— Իսկ մնացածները․․․ միայն անհանգստություն են եղել․․․

— Այո, գիտեմ․․․

Նա մի պահ լուռ պառկած էր։ Շնչում էր ծանր ու դժվարությամբ։

— Տարօրինակ է,— նորից սկսեց նա հազիվ լսելի ձայնով։— Տարօրինակ է․․․ որ մարդը կարող է մեռնել․․․ երբ սիրում է․․․

Ռավիկը խոնարհվեց Ժոանի վրա։ Այնտեղ միայն մթություն էր և Ժոանի դեմքը։

— Ես լավը չեղա․․․ քեզ համար,— շշնջաց Ժոանը։

— Դու իմ կյանքն ես․․․

— Ես կարող եմ․․․ ես ուզում եմ․․․ քո կյանքը լինել․․․ բայց․․․ ձեռքերս․․․ երբեք այլևս չեն կարող քեզ գրկել․․․

Ռավիկը տեսավ, թե նա ինչպես է լարվում՝ ձեռքերը բարձրացնելու համար։

— Դու իմ գրկում ես,— ասաց Ռավիկը Ժոանին,— իսկ ես՝ քո գրկում։

Մի վայրկյան Ժոանը դադարեց շնչելուց։ Նա աչքերը բացեց։ Բիբերը անսահման մեծացած էին։ Ռավիկը չգիտեր, Ժոանն իրեն տեսնո՞ւմ է թե ոչ։

― Ti amo,— Ժոանը։

Ժոանն այդ ասաց իր մանկության լեզվով։ Նա սոսկալի հոգնած էր ուրիշ լեզվով ասելու համար։ Ռավիկը բռնեց նրա անկյանք ձեռքերը։ Նրա մեջ ինչ-որ բան կտրվեց։

— Դու ինձ կյանք տվիր, Ժոան,— ասաց Ռավիկը, սևեռված նայելով Ժոանի անշարժ աչքերին։— Դու կյանք տվիր ինձ։ Ես ընդամենը մի մեռած քարի կտոր էի։ Դու եկար, և ես նորից կենդանություն ստացա․․․

— Mi ami?

Այդպես հարցնում է հոգնած երեխան, երբ ուզում է իրեն պառկեցնեն քնելու։ Դա բոլոր հոգնածությունների վերջին հոգնածությունն էր։

— Ժոան,— ասաց Ռավիկը։— Սերն այստեղ այն բառը չէ։ Այդ բառի տարողությունը չափազանց փոքր է։ Դա ընդամենը մի աննշան մասնիկ է, ամբողջական գետից վերցրած մի կաթիլ, մի տերև ծառի վրա։ Այս ամենը շատ ավելի մեծ է․․․

— sono stata․․․ Sempre con te․․․

Ռավիկը իր ձեռքերից դեռ բաց չէր թողել Ժոանի ձեռքերը, որոնք արդեն կորցրել էին իրենց զգացողությունը։

— Դու միշտ ինձ հետ ես եղել,— ասաց Ռավիկը, չզգալով, որ հանկարծ սկսեց գերմաներեն խոսել։— Դու միշտ ինձ հետ ես եղել, անկախ նրանից — սիրել եմ քեզ, ատել եմ, թե անտարբեր եմ թվացել․․․ Դրանից ոչինչ չի փոխվել։ Դու միշտ ինձ հետ ես եղել, միշտ եղել ես իմ մեջ․․․

Նրանք միմյանց հետ միշտ խոսում էին փոխ վերցրած մի լեզվով։ Իսկ այժմ, առաջին անգամ, առանց այդ նկատելու յուրաքանչյուրն իր լեզվով խոսեց։ Բառերի պատնեշները փլվեցին, և նրանք միմյանց հասկանում էին ավելի լավ, քան երբևէ։

— Baciami․․․

Ռավիկը համբուրեց Ժոանի տաք, չոր շրթունքները։

— Դու միշտ ինձ հետ ես եղել, Ժոան․․․ միշտ․․․

— Sono stata․․․ perduta... Senza di te...

— Օ ոչ, այդ ես էի, որ առանց քեզ կորած մարդ էի։ Քո մեջ էր ամփոփված ամբողջ լույսը, կյանքի ամբողջ քաղցրությունը և դառնությունը ամբողշջ․․․ Դու ցնցեցիր ինձ, սթափեցրիր, դու վերադարձրիր ինձ իմ սեփական անձը, և քեզ նվիրեցիր դու ինձ։ Դու վերադարձրիր ինձ կյանքը։

Ժոանը մի քանի րոպե լուռ պառկած էր։ Չէր խոսում նաև Ռավիկը, ուշադիր, կենտրոնացած նայում էր նրան։ Ժոանի ձեռքերն ու ոտքերը մահացած էին, մահացած էր ամբողջ մարմինը։ Միայն աչքերն ու շրթունքներն էին, որոնց մեջ դեռ կյանքը տրոփում էր։ Ժոանը դեռ շնչում էր, բայց Ռավիկը գիտեր, որ շնչողական մկանները արդեն աստիճանաբար կաթվածի են ենթարկվում։ Նա գրեթե այլևս չէր կարողանում խոսել, սկսել էր արդեն շնչահեղձ լինել, ատամները կրճտում էին, դեմքը համարյա ծամածռվել էր։ Ժոանի և մահվան միջև պայքար էր գնում։ Վիզը ջղաձգվել էր, նա ճգնում էր ինչ-որ բան ասել, շրթունքները դողում էին։ Սկսեց խռխռալ։ Խոր և զարհուրելի խռխռոց էր դա․․․ և վերջապես մի ճիչ դուրս թռավ։

— Ռավիկ․․․ օգնի՜ր․․․ օգնի՜ր ինձ․․․ հիմա․․․

Շպրիցը նախապես պատրաստված էր։ Ռավիկը իսկույն վերցրեց և ասեղը վայրկենապես խրեց Ժոանի մաշկի տակ։ Ռավիկը չէր ուզում, որ նա մահանա դանդաղ ու տանջանքներով լեցուն շնչահեղձությունից։ Չէր ուզում, որ նա անմիտ կերպով տառապի։ Նրա առևջում, զարհուրելի ցավերից բացի, ուրիշ ոչինչ չկար։ Անտանելի ցավեր, որոնք գուցեև երկար ժամեր տևեին․․․

Ժոանի կոպերն սկսեցին թռթռալ։ Հետո նա հանդարտվեց։ Շուրթերը փակվեցին..․ Շնչառությունը կանգ առավ։ Ռավիկը գալարավարագույրները բարձրացրեց, ետ տարավ վարագույրները։ Հետո մոտեցավ մահճակալին։ Ժոանի սառը և անշարժ դեմքը օտարացել էր։

Նա բացեց դուռը և գնաց ընդունարան։ Էժենին, սեղանի մոտ նստած, դասավորում էր թղթապանակի մեջ եղած հիվանդությունների պատմությունները։

— Տասներկուերորդ սենյակի հիվանդը մահացավ,― ասաց Ռավիկը։

Էժենին գլխով արեց, առանց աչքերը վեր բարձրացնելու։

— Բժիշկ Վեբերն իր սենյակո՞ւմ է։

— Կարծեմ։

Ռավիկը քայլեց միջանցքի երկարությամբ։ Դռներից մի քանիսը բաց էին։ Նա գնաց Վեբերի առանձնասենյակի կողմը։

— Տասներկուերորդը մահացավ, Վեբեր։ Կարող եք ոստիկանությանը հայտնել։

Վեբերը գլուխը չբարձրացրեց։

— Ոստիկանությունը հիմա ժամանակ չունի դրա համար։

— Այսի՞նքն։

Վեբերը ցույց տվեց «Մատեն» լրագրի արտակարգ համարը։ Գերմանական զորքերը խուժել էին Լեհաստան։

— Ես մինիստրությունից տեղեկություններ ունեմ։ Հենց այսօր պատերազմ է հայտարարվելու։

Ռավիկը թերթը ետ դրեց սեղանին։

— Տեսա՞ր այս բոլորն ինչով վերջացավ, Վեբեր։

— Այո։ Սա արդեն վերջն է։ Խեղճ Ֆրանսիա։

Ռավիկը որոշ ժամանակ լուռ էր։ Նրան թվում էր, թե շուրջը մի տեսակ դատարկվեց ու ամայացավ։

— Դա ավելին է, քան Ֆրանսիան, Վեբեր,— վերջապես ասաց նա։

Վեբերը նայեց Ռավիկին։

— Ինձ համար դա Ֆրանսիան է։ Մի՞թե դա բավական չէ։

Ռավիկը չպատասխանեց։

— Ի՞նչ եք անելու,— փոքր լռությունից հետո հարցրեց նա։

— Չգիտեմ։ Երևի պետք է ներկայանամ իմ գունդը։ Իսկ սա․․․— նա ձեռքով անորոշ մի շարժում արեց։— Ըստ երևույթին, պետք է հանձնել ուրիշի։

― Դուք կլինիկան բաց մի թողեք։ Պատերազմի ժամանակ կլինիկաները պետք են։ Զեզ այստեղ կթողնեն, Փարիզում։

— Ես չեմ ուզում մնալ այստեղ։

Ռավիկը նայեց շուրջը։

— Այսօր իմ այստեղ լինելու վերջին օրն է։ Ինձ թվում է, ամեն ինչ այստեղ նորմալ ընթացքի մեջ է։ Արգանդի վիրահատությունը բարեհաջող է։ Լեղապարկով հիվանդը ապաքինվում է։ Քաղցկեղի բուժման վրա ոչ մի հույս դնել չի կարելի, երկրորդ անգամ նրան վիրահատելը ոչ մի նպատակ չունի։ Ահա բոլորը։

— Իսկ ինչո՞ւ,— հոգնած հարցրեց Վեբերը։— Ինչո՞ւ է այսօր ձեր այստեղ լինելու վերջին օրը։

— Որովհետև հենց պատերազմ հայտարարվեց, մեզ բոլորիս կձերբակալեն այստեղ։— Ռավիկը տեսավ, որ Վեբերը ինչ֊որ բան է ուզում ասել, բայց, առանց այդ հնարավորությունը նրան տալու, ինքը շարունակեց։— Արի այդ մասին չվիճենք։ Դա անխուսափելի է, և կանեն։

Վեբերը նստեց իր աթոռին։

— Ես այլևս ոչինչ չեմ հասկանում։ Շատ հնարավոր է, որ այդպես լինի, Գուցե մերոնք նույնիսկ չկռվեն էլ։ Հենց այնպես երկիրը հանձնեն։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է լինել։

Ռավիկը տեղից կանգնեց։

— Եթե ձերբակալված չլինեմ, երեկոյան մի անգամ էլ կգամ։ Ժամը ութի մոտերքը։

— Լավ։

Ռավիկը դուրս եկավ։ Ընդունարանում նա հանդիպեց դերասանին։ Ռավիկը նրան բոլորովին մոռացել էր։ Դերասանը տեղից վեր ցատկեց։

— Ի՞նչ եղավ Ժոանը։

— Մահացավ։

Դերասանը քարացավ տեղում։

— Մահացա՞վ։

Նա ողբերգական մի շարժումով ձեռքը գցեց սրտին և օրորվեց։ Ողորմելի կոմեդիանտ, մտածեց Ռավիկը։ Երևի բեմում նման մի բան է խաղացել, իսկ երբ այժմ այդ նույնը իրեն կյանքում է պատահել, իսկույն սերտած դերի մեջ ընկավ։ Բայց գուցե և անկեղծ ցավ է զգում, և պրոֆեսիոնալ սովորույթի ազդեցության տակ չի կարողանում առանց դերասանական ժեստերի յոլա գնալ։

— Ես կարո՞ղ եմ նրան տեսնել։

— Ինչո՞ւ եք ուզում տեսնել։

— Ես պետք է Ժոանին մի անգամ էլ տեսնեմ։— Ձեռքերը, որոնցով բռնել էր իր մետաքսյա ժապավենով բաց դարչնագույն շլյապան, նա սեղմեց կրծքին։— Հասկացեք ինձ։ Ես պետք է․․․

Նրա աչքերը լցվեցին։

— Լսեք,— համբերությունը կորցրած ասաց Ռավիկը։— Ավելի լավ է, կորեք այստեղից։ Այդ կինը մեռել է և ոչինչ այլևս հնարավոր չէ փոխել։ Գնացեք ձեր գործերը լուծեք ինքներդ ձեզ հետ։ Կորեք այստեղից գրողի ծոցը։ Ոչ ոքի չի հետաքրքրում, թե ձեզ ինչ կանեն, մի տարի բանտարկությո՞ւն կտան, թե՞ դրամատիկ զգացմունքներով լցված ազատ կարձակեն։ Մի երկու տարի էլ չի անցնի, դուք կսկսեք պարծենալ ձեր քաջագործությամբ, ուրիշ կանանց առաջ ձեր գինը բարձրացնելու և նրանց նվաճելու համար․․․ Կորեք այստեղից, խեղկատակ ապուշ։

Ռավիկը հրեց նրան դեպի դուռը։ Դերասանը մի պահ ուզում էր դիմադրել։ Բայց չհաջողվեց։ Դռան շեմին շրջվելով դեպի Ռավիկը, նետեց։

— Անզգա անասուն։ Կեղտոտ բոշ։


Փողոցներում լիքը ժողովուրդ էր։ Խումբ-խումբ հավաքված իրար գլխի, նրանք հետևում էին լուսային լրագրի արագավազ տառերին։ Ռավիկը մեկնեց Լյուքսենբուրգի զբոսայգին։ Նա ուզում էր մինչև ձերբակալվելը մի քանի ժամ մենակ լինել։

Այգին դատարկ էր։ Ամենուրեք զգացվում էր ուշ ամռան իրիկնային հաճելի ջերմությունը։ Մոտեցող աշնան շունչը հպվել էր ծառերին, բայց դա ոչ թե թոշնանք բերող շունչ էր, այլ հասունացում։ Լույսը կարծես ոսկուց և կապույտից հյուսված լիներ, որ թվում էր, թե ամռան հրաժեշտի մետաքսյա դրոշն է։

Ռավիկն այգում նստեց երկար։ Նա նայում էր, թե ինչպես է փոփոխվում լույսը, ինչպես են ստվերները երկարում։ Նա գիտեր, որ դա ազատության մեջ գտնվելու իր վերջին ժամերն են։ Եթե պատերազմ հայտարարվի, «Ինտերնացիոնալ» հյուրանոցի տիրուհին այլևս չի կարող ոչ մի էմիգրանտի թաքցնել։ Ռավիկը հիշեց Ռոլանդեին, հիշեց նրա հրավերը։ Բայց հիմա Ռոլանդեն նույնպես չէր կարող օգնել։ Հիմա ոչ ոք չի կարող։ Իսկ եթե փախուստի դիմես, իսկույն կբռնեն որպես լրտեսի։

Նա այդպես նստեց մինչև երեկո։ Նրա մեջ տխրության ոչ մի զգացում չկար։ Միայն դեմքեր էին, որ անվերջ հայտնվում էին հիշողության մեջ և անցնում մեկը մյուսի հետևից։ Դեմքեր և տարիներ։ Եվ ապա վերջին անշարժացած դեմքը։

Ժամը յոթին Ռավիկն այգուց դուրս եկավ։ Նա գիտեր, որ հեռանալով արդեն մթով պարուրվող այդ զբոսայգուց, ինքը լքում է խաղաղ կյանքի վերջին մնացորդը։ Փողոցում դեռ մի քանի քայլ չարած, նա իսկույն գնեց լրագրի արտակարգ համարը։ Պատերազմն արդեն հայտարարված էր։

Ռավիկը մտավ մոտակա բիստրոներից մեկը և նստեց։ Բիստրոյում ռադիո չկար։ Որոշ ժամանակ անց նա վեր կացավ և շարժվեց դեպի կլինիկան։ Վեբերը Ռավիկին ընդառաջ եկավ։

— Դուք չե՞ք կարող արդյոք մի կեսարյան հատում անել։ Հենց նոր մեզ մոտ այդպիսի մի հիվանդ բերին։

Ռավիկն իսկույն գնաց շորերը փոխելու։ Միջանցքում նա հանդիպեց Էժենիին, որն իրեն կլինիկայում տեսնելով, խիստ զարմացավ։

— Դուք, ըստ երևույթին, ինձ այլևս այստեղ չէիք սպասում։

— Այո, չէի սպասում,— ասաց Էժենին, տարօրինակորեն Ռավիկին նայեց և արագ֊արագ հեռացավ։

Կեսարյան հատումը այնքան էլ բարդ գործ չէր։ Ռավիկը դա կատարում էր համարյա մեքենայորեն։ Նա մի քանի անգամ իր վրա բռնեց Էժենիի հայացքը։ Եվ զարմանում էր, թե ինչ է պատահել նրան։

Երեխան ճչում էր, նրան լվացին և մաքրեցին, ինչպես պետքն էր։ Ռավիկը նայում էր երեխայի ճչացող, կարմիր դեմքին և փոքրիկ֊փոքրիկ մատիկներին։ Մենք երբեք ժպիտով աշխարհ չենք գալիս, մտածեց նա և մանկանը հանձնեց սանիտարուհուն։ Նորածինը տղա էր։

— Ո՞վ գիտի, թե ինչ պատերազմի համար է ծնվել,— ասաց Ռավիկը։

Այնուհետև գնաց ձեռքերը լվանալու։ Նրա կողքի լվացարանում ձեռքերը լվանում էր նաև Վեբերը։

— Եթե ձեզ իսկապես ձերբակալեն, Ռավիկ, անմիջապես ինձ տեղեկացրեք, որտեղ եք գտնվում։

— Ինչո՞ւ եք ուզում ձեզ ծանր կացության մեջ դնել, Վեբեր։ Հիմա ավելի լավ է իմ կարգի մարդկանց հետ ծանոթություն չունենալ։

― Իսկ ինչո՞ւ։ Որովհետև դուք գերմանացի՞ եք։ Չէ՞ որ դուք փախստական եք։

Ռավիկը մռայլորեն ժպտաց։

— Մի՞թե դուք չգիտեք, ինչ աչքով են մեզ՝ փախստականներիս, ամեն տեղ նայում։ Հայրենիքում մեզ դավաճաններ են համարում, իսկ ուրիշ երկրներում՝ օտարերկրյա հպատակներ։

— Դա ինձ համար ոչ մի նշանակություն չունի։ Ես ուզում եմ, որ դուք, որքան կարելի է, շուտ դուրս գաք այնտեղից։ Չէի՞ք ուզի ինձ վկայակոչել։ Ես կերաշխավորեմ ձեզ համար։

— Շատ լավ, եթե դեմ չեք։— Ռավիկը գիտեր, որ, միևնույն է, ինքն այդ չի անելու։— Բժշկի համար ամեն տեղ էլ գործ կգտնվի։― Նա ձեռքերը սրբեց։― Ես ձեզ կարո՞ղ եմ մի բան խնդրել, Վեբեր։ Դուք չէի՞ք հոգա Ժոան Մադուի թաղման համար։ Ես, երևի, այլևս դա չհասցնեմ անել։

— Իհարկե, անպայման։ Իսկ ուրիշ ոչինչ պետք չէ՞։ Ասենք, ժառանգության հարցի կարգավորում և այլն։

― Այդ հոգսը կարելի է թողնել ոստիկանությանը։ Ես չգիտեմ, նա որևէ տեղ հարազատներ ունի՞ թե չէ։ Եվ դա արդեն նշանակություն էլ չունի։

Ռավիկը հագնվեց։

— Էհ, մնաք բարով, Վեբեր։ Շատ հաճելի էր ձեզ հետ աշխատելը։

— Գնաք բարով, Ռավիկ։ Մենք դեռ ձեզ պետք է հոնորար վճարենք վերջին վիրահատության դիմաց, կեսարյան հատման։

— Դա թող մնա թաղման ծախսերի համար։ Իհարկե, թաղումն ավելի թանկ կնստի, բայց դրա համար փող կթողնեմ։

— Ձեր մտքով էլ չանցկացնեք այդպիսի բաներ։ Դա բացառված է, Ռավիկ։ Որտե՞ղ կուզեիք, որ նա թաղվեր։

— Չգիտեմ։ Որևէ գերեզմանատան։ Ես այստեղ կթողնեմ նրա անունն ու հասցեն։

Ռավիկը վերցրեց կլինիկայի բլանկներից մեկը, գրեց ինչ որ պետք էր, և մեկնեց Վեբերին։ Վեբերը վերցրեց հասցեն և դրեց ոչխարի արծաթյա արձանիկով զարդարված բյուրեղապակյա պրեսպապիեի տակ։

— Շատ լավ, Ռավիկ։ Ես կարծում եմ, որ մի քանի օրից հետո ես նույնպես այստեղ չեմ լինի։ Առանց ձեզ մենք հազիվ թե կարողանանք այստեղ նույնպիսի հաջողությամբ վիրահատություններ կատարել։

Վեբերը նրա հետ դուրս եկավ իր առանձնասենյակից։

— Մնաք բարով, Էժենի,― ասաց Ռավիկը։

— Գնաք բարով, մեսյո Ռավիկ։— Էժենին նայեց նրան։— Հյուրանո՞ց եք գնում։

— Այո։ Ինչո՞ւ։

— Օ, ոչինչ․․․ ես կարծում էի․․․


Արդեն մթնել էր։ Հյուրանոցի առաջ կանգնած էր բեռնատար մի մեքենա։

— Ռավիկ,— լսվեց Մորոզովի ձայնը ինչ֊որ տան մուտքից։

— Բորի՞ս,— Ռավիկը կանգ առավ։

— Ռստիկանությունը ներսում է։

— Այդպես էլ գիտեի։

— Ես Իվան Կլուգեի անձնական վկայականն եմ բերել։ Հիշո՞ւմ ես այն մահացած ռուսին, որի մասին ես քեզ պատմում էի։ Դեռ մեկ ու կես տարի ուժի մեջ է։ Արի գնանք «Շեհերազադե»։ Այնտեղ լուսանկարը կփոխենք, հետո կփոխադրվես ուրիշ հյուրանոց և կդառնաս ռուս էմիգրանտ։

Ռավիկը գլուխն օրորեց։

— Շատ վտանգավոր է, Բորիս։ Պատերազմի ժամանակ կեղծ փաստաթուղթ ունենալը վտանգավոր գործ է։ Ավելի լավ է բոլորովին չունենալ։

— Բա ի՞նչ ես անելու։

— Գնալու եմ հյուրանոց։

— Լա՞վ ես մտածել, Ռավիկ,— հարցրեց Մորոզովը։

— Բա էլ ի՞նչ պետք է անեմ։

— Սատանան գիտե, եթե ճանկներն ընկար, ուր կարող են քշել։

— Բոլոր դեպքերում Գերմանիա չեն քշի։ Դրանից ես վախենալու բան չունեմ։ Եվ ոչ էլ կքշեն Շվեյցարիա։— Ռավիկը ժպտաց։— Յոթ տարվա ընթացքում առաջին անգամն է, որ ոստիկանությունը մեզ ուզում է պահել, Բորիս։ Մի ամբողջ պատերազմ էր պետք, որպեսզի մեզ այդքան բարձր գնահատեն։

― Ասում են, Լոնշանում համակենտրոնացման ճամբար են պատրաստում։—Մորոզովն սկսեց մորուքը ձգմգել։— Բանից պարզվում է, որ գերմանական ճամբարից դու փախել ես, որպեսզի ընկնես ֆրանսիականը։

— Ո՞վ գիտե, մեկ էլ տեսար շուտով բաց թողին։

Մորոզովը չպատասխանեց։

— Բորիս,— ասաց Ռավիկը։— Ինձ համար մի մտահոգվիր։ Պատերազմում բժիշկներ միշտ էլ պետք են։

— Ձերբակալության ժամանակ դու քեզ ի՞նչ անուն ես տալու։

— Իմ սեփականը։ Ես այդ անունը ոստիկանությանն այստեղ տվել եմ միայն մի անգամ, այն էլ հինգ տարի առաջ։— Ռավիկը փոքր֊ինչ լռեց։— Բորիս,— ասաց նա վերջապես,— Ժոանը մահացավ։ Սպանեցին։ Մեկը կար, ռևոլվերով կրակեց վրան։ Հիմա դիակը Վեբերի կլինիկայում է։ Նրան պետք է թաղել։ Վեբերը խոսք տվեց, որ դա կանի, բայց վախենում եմ իրեն ավելի շուտ մոբիլիզացիայի ենթարկեն։ Դու չե՞ս կարող այդ հոգսը քեզ վրա վերցնել։ Ինձ ոչինչ մի հարցրու, ուղղակի ասա «կարող եմ» և ուրիշ ոչինչ։

— Կարող եմ,— ասաց Մորոզովը։

— Ուրեմն, մնաս բարով, Բորիս։ Իմ իրերից վերցրու այն, ինչ քեզ կարող է պետք գալ։ Փոխադրվիր իմ որջը, չէ՞ որ դու միշտ ուզում էիր լոգասենյակ ունենալ։ Ես գնում եմ, մնաս բարով։

— Ամեն ինչ կեղտոտվեց,— ասաց Մորոզովը։

— Ինչ որ է։ Ես քեզ կհանդիպեմ պատերազմից հետո «Ֆուքեում»։

— Ո՞ր կողմում։ Ելիսեյան դաշտերի, թե՞ Գեորգ Հինգերորդի ավենյուի։

― Գեորգ Հինգերորդի ավենյուի։ Ի՞նչ հիմար մարդ ենք ես ու դու։ Ուղղակի երկուսս էլ փսլնքոտ հերոսական իդիոտներ ենք։ Է՛հ, Բորիս, մնաս բարով։

― Այո, գործը կեղտամեջ եղավ,— նորից ասաց Մորոզովը։― Նույնիսկ ամաչում ենք ինչպես պետքն է հրաժեշտ տալ իրար։ Ապա մի մոտ արի, մոտ արի, մի տեսնեմ, հիմար-հիմարի գլուխ։

Մորոզովը համբուրեց Ռավիկի այտերը։ Ռավիկն զգաց նրա մորուքի ծակծկոցն ու ծխախոտի հոտը։ Դա մի տեսակ տհաճ էր։ Ռավիկը շարժվեց դեպի հյուրանոց։


Էմիգրանտները հավաքվել էին «կատակոմբան»։ Կարծես առաջին քրիստոնյաները լինեն, մտածեց Ռավիկը։ Առաջին եվրոպացիները։ Արհեստական արմավենու տակ, գրասեղանի մոտ նստած էր քաղաքացիական զգեստով մի մարդ և հարցաթերթիկներ էր լցնում։ Երկու ոստիկան պահպանում էին դուռը, որտեղից ոչ ոք մտադրություն չուներ փախչելու։

— Անձնագիր ունե՞ք,— հարցրեց ոստիկանական պաշտոնյան Ռավիկին։

— Ոչ։

— Իսկ ուրիշ փաստաթղթե՞ր։

— Նույնպես չկան։

— Անլեգա՞լ եք ապրում այստեղ։

— Այո։

— Ի՞նչ պատճառով։

— Փախել եմ Գերմանիայից։ Փաստաթղթեր ստանալու հնարավորությունից զրկված եմ։

— Ազգանո՞ւնը։

— Ֆրեզենբուրգ։

— Անունը։

— Լյուդվիգ։

— Հրեա՞ եք։

― Ոչ։

— Մասնագիտությո՞ւնը։

— Բժիշկ։

Ոստիկանական պաշտոնյան բոլորը գրեց։

— Բժի՞շկ,— հարցրեց նա կրկին ու թերթիկը մոտեցրեց աչքերին։— Դուք Ռավիկ անունով բժշկի այստեղ չե՞ք ճանաչում։

— Ոչ։

— Նա պետք է որ հենց այստեղ բնակվի։ Մենք տեղեկություններ ունենք։

Ռավիկը նայեց պաշտոնյային։ Էժենիի գործերն են, մտածեց Ռավիկը։ Նա հարցրեց, ես հյուրանո՞ց եմ գնում թե՞ ոչ, իսկ մինչ այդ վերին աստիճանի զարմացած էր, որ ես դեռ ազատության մեջ եմ։

— Բա ես չասացի՞, որ այդպիսի ազգանունով մարդ այստեղ չի ապրում,— հայտարարեց հյուրանոցի տիրուհին, որ կանգնած էր խոհանոցի դռան մոտ։

— Դուք ձեզ հանգիստ պահեք,— դժգոհությամբ վրա բերեց ոստիկանական պաշտոնյան,— ձեզ առանց այն էլ տուգանելու են՝ այսքան մարդկանց, առանց ոստիկանություն հայտնելու, այստեղ պահելու համար։

— Ես դրա համար կարող եմ միայն հպարտանալ։ Եթե մարդկայնության համար տուգանում են, թող տուգանեն, ինչքան ուզում են։

Ոստիկանական պաշտոնյան ուզում էր պատասխան տալ հյուրանոցի տիրուհուն, բայց ձեռքը արհամարհանքով թափ տվեց ու լռեց։ Տիրուհին կռվելու տրամադրությամբ նայեց պաշտոնյային։ Նա վերևներում թիկունք ուներ և ոչ մի բանից չէր վախենում։

— Հավաքեք ձեր իրերը,— ասաց պաշտոնյան Ռավիկին։— Փոխնորդ վերցրեք և մի օրվա ուտելիք։ Ադյալ նույնպես, եթե ունեք։

Ոստիկաններից մեկը նրա հետ բարձրացավ վերև։ Սենյակներից շատերի դռները բաց էին։ Ռավիկը վերցրեց ճամպրուկը, որը դեռ վաղուց էր նախապատրաստել, և իր ադյալը։

— Էլ ուրիշ ոչի՞նչ,— հարցրեց ոստիկանը։

— Ուրիշ ոչինչ։

— Այս մյուս բաները թողնում եք այստե՞ղ։

— Այո,

— Սա նույնպե՞ս,— ոստիկանը ցույց տվեց մահճակալի կողքի ոչ մեծ սեղանին դրված փայտե փոքրիկ մադոննան։ Դա նրան Ժոանն էր «Ինտերնացիոնալ» ուղարկել իրենց ծանոթության դեռ սկզբում։

— Դա նույնպես։

Նրանք իջան՝ ներքև։ Կլարիասսան՝ էլզասցի մատուցողուհին, Ռավիկին մի փաթեթ տվեց։ Ռավիկը տեսավ, որ նույն փաթեթներից ունեն նաև մյուսները։

— Ուտելիք է,— բացատրեց տիրուհին։— Որպեսզի սոված չմնաք։ Ես համոզված եմ, ձեզ այնպիսի տեղ են տանելու, որտեղ ոչինչ նախապատրաստված չէ։

Նա խիստ մի հայացքով նայեց քաղաքացիական զգեստ հագած ոստիկանական պաշտոնյային։

— Քիչ խոսեք,— վրդովված ասաց ոստիկանական պաշտոնյան։— Պատերազմը ես չեմ հայտարարել։

— Սրանք նույնպես չեն հայտարարել։

— Ինձ հանգիստ թողեք։— Պաշտոնյան նայեց մյուս ոստիկանին։— Վերջացրի՞ք։ Տարեք սրանց։

Մարդկային մթին զանգվածը շարժվեց։ Ռավիկը տեսավ այն մարդուն ու իր կնոջը, որի աչքին տարականներ էին երևում։ Ամուսինը ձեռքով բռնել էր կնոջը, մյուս ձեռքով՝ ճամպրուկներից մեկը։ Այդ նույն թևի տակ, մարմնին սեղմած, նա պահել էր երկրորդ ճամպրուկը։ Մի ճամպրուկ էլ քարշ էր տալիս նրանց փոքրիկ տղան։ Տղամարդը աղերսական հայացքով նայեց Ռավիկին։ Ռավիկը գլխով արեց։

— Ես ինձ հետ գործիքներ ու դեղեր ունեմ,— ասաց նա։— Մի վախեցեք։

Նրանք բարձրացան բեռնատար մեքենան։ Մոտորն սկսեց դռդռալ։ Մեքենան շարժվեց։ Հյուրանոցի տիրուհին դռան մոտ կանգնած, որպես հրաժեշտի նշան, ձեռքը թափահարում էր։

— Այս ո՞ւր ենք գնում,— հարցրեց ինչ֊որ մեկը ոստիկանին։

— Չգիտեմ։

Ռավիկը կանգնած էր Ռոզենֆելդի և կեղծ Ահարոն Գոլդբերգի կողքին։ Ռոզենֆելդի թևի տակ մի ռուլոն կար, որի մեջ Սեզանն էր և Գոգենը։ Նա լարված ինչ֊որ բան էր մտածում։

— Իսպանական վիզա է,— ասաց նա։— ժամկետն ավելի շուտ լրացավ, քան թե ես․․․ — նա ընդհատեց։— Իսկ Բուն ծլկեց,— ավելացրեց նա,— Մարկուս Մեյերը։ Երեկ փախավ Ամերիկա։

Մեքենան ցնցվում էր ճանապարհին։ Բոլորն իրար սեղմված, կանգնած էին թափքի մեջ։ Ոչ ոք չէր խոսում։ Մեքենան թեքվեց անկյուններից մեկը։ Ռավիկը նայեց ֆատալիստ Զայդենբաումին, որը սեղմվել էր թափքի անկյունին։

— Ահա և մենք նորից ճանապարհ ընկանք,— ասաց նա։

Ռավիկը գրպաններում ծխախոտ փնտրեց, բայց չգտավ։ Հետո հիշեց, որ բոլորը ճամպրուկի մեջ է դրել։

― Այսպիսի բաներ, ասաց նա։— Մարդը շատ բան կարող է տանել։

Մեքենան անցնելով Վագրամ ավենյուն, թեքվեց ու դուրս եկավ Էտուալ հրապարակը։ Ամենուրեք լույսերը հանգած էին։ Հրապարակը սուզված էր խավարի մեջ։ Մութն այնքան սև էր, որ այլևս չէր երևում նույնիսկ հաղթական կամարը։


Վերջ