հեղինակ՝ Ավետիս Հարությունյան |
Իսկ ի՞նչ են ուզում նրանք
Իրաքը սովի մատնված երկրների ցանկում չկա։ Ոչ թե այն պատճառով, որ ՄԱԿ֊ը զգուշանում է իր սանկցիայից տուժած երկիրը հռչակել սովյալ, այլ որ՝ երկրին պատժի շրջանակներում նավթ արտահանելու քվոտա է տրված՝ նվազագույն կարիքները հոգալու համար։ Ճիշտ է, Սադամը այդ միջոցների մեծ մասը «ալքիմիայի» վրա է խարջում, բայց դա չի նշանակում, որ միջազգային հանրությունը պիտի կերակրի Սադամի ժողովրդին, որպեսզի Սադամի ուշադրությունը չշեղվի գիտական֊ստեղծագործական պրպտումներից։
Ահա նույնիսկ այդ երկրում, որի ղեկավարը հակաամերիկյան ցույցերը տաքացնում է տրիբունայից հրացանազարկելով, մի երկրում, որը բազմիցս ռմբակոծվել է ու շարունակում է ռմբակոծվել անգլո֊ամերիկյան ռումբերով, որտեղ Ջիհադ հայտարարում ու հրապարակներում մոլեգնում են տասնյակ հազարավոր տղամարդիկ ու ավտոմատներով համազարկ տվող հարյուր կիլոյանոց կերած֊խմած կանայք,֊նույնիսկ այդ երկրում մեկնումեկի մտքով չի անցնում բոյկոտել գոնե անգլիական ապրանքները, որովհետեւ Աստծուց վախ ունեն եւ գիտեն, որ տասնյակ հազարավոր մարդիկ միայն էժանագին մթերքի հույսին են։ Ուրեմն, հարցը այստեղ թշնամանքի աստիճանը չէ։ Հազիվ թե իրաքցիները իրենց ավելի պակաս անիրավված են համարում Ամերիկայի կողմից, քան հայերը՝ թուրքերի։ Նաեւ իրաքցիների կորուստն ու վիրավորանքն է թարմ։ Իհարկե, իրաքցիների մեջ էլ կլինեն հոգեկան հիվանդներ, բայց նույնիսկ կիսախելագար Սադամի ռեժիմը թույլ չի տալիս, որ ատելությունը սպառնալիք դառնա երկրի պարենային անվտանգությանը։ Նրանք պատրաստ են զանգվածաբար զոհվել անհավատների դեմ պատերազմում, բայց սովի մատնվել անտեր շան նման սեփական հայրենիքում չեն ուզում։
… Սրա´նք, այստե´ղ ի՞նչ են ուզում հայ ժողովրդից։ Ուզում են, որ Ղարաբաղի նման այստեղի՞ց էլ բնակչությունը վերանա։ Սրանք՝ պարտդպրոցներն ու ինտերնացիոնալ ահաբեկչական դպրոցներ ավարտածները մորի՞ց են ծնվել, թե՞ ոնց։ Հարցնում եմ, որովհետեւ բնական ճանապարհով դեռ աշխարհ չի եկել մի արարած, որը ի ծնե զրկված լինի ուղեղից եւ բնազդից միաժամանակ։ Այդպես նույնիսկ թուրքը չի վարվել հայի հետ (միանգամից տվել սպանել է), ինչպես վարվում են՝ թուրքից ու հայից անբնական ճանապարհով ստացվածները։ Թուրքի վաստակները՝ քնքշորեն կասեին լոռեցիները։ Թուրքերը ընդունակ են ավելի նուրբ խաղի՝ իրենց դրկից հայ կանանց զավակների միջոցով եւ դրամական միջոցներով Հայաստանում մուլտ նկարել՝ հայ ազատագրական շարժման մասին… Եւ իրոք, ի՞նչ կարիք կար տակնուվրա անել մուլտի իդեոլոգների ասիական հոգին, հազիվ «Սալյուտ»֊ը Ղազախում ծախվում էր եռակի գնով, հազիվ Ստեփանակերտում ու Բաքվում լիարժեք թուրքացել էին, ի´նչ ժամանակն էր «ազգային շարժման»։
… Եւ հիմա, որ երկնքից այդպիսի հնարավորություն է ընկել ձեռքները, ո՞նց իրենց մուռը չհանեն կորցրած փողերի, կիսատ մնացած կարիերայի, Բաքվում թողած տան ու «ընտանիքի տան բարեկամ» թուրք հարեւանին կորցնելու համար։ Եւ ո՞նց չպոռթկա պղտոր արյան ձայնը, ո՞նց վրեժխնդիր չլինեն ու չպղծեն թշնամու սրբություններն ու լեզուն՝ իրենց ատելի հայերենով ռեկլամ չհնարեն լամպերի վրա։ Ո՞նց հրապարակ չհանեն թուրքական գյուղական ընտանիքի բարքերը, որը թույլ է տալիս եղբայրը եղբոր հետ խաղաղ զրույցի նստի մեր ուշունց տալով մոր իսկ ներկայությամբ,֊այսպես այս տարիներին թյուրիմացության մեջ գցելով հայերին, իբր «իրար հետ լավ չեն»։
Այդպես, այդ ռեկլամի, լեզվի, առակախոսության խաղում վայ թե շա՜ տ առաջ գնան եւ սկսեն անեկդոտի պառավի ասած՝ շենքի խավար մուտքում «լամփուշկա» ուտել։ Աննամուսի վերջը, չէ՞, այդ է լինելու։ Ի դեպ, սովյալների այդ ցուցակում կա նաեւ Աֆղանստանը։ Աֆրիկայից՝ Սուդանը, Եթովպիան, Ամերիկայից՝ Նիկարագուան, Հոնդուրասը, Բոլիվիան,֊բոլորը հեղափոխական անցյալով ու նարկոտիկի, արյան մեջ շաղախված ռեժիմներ։ Այդ ցուցակում նախկին ՍՍՀՄ֊ից Տաջիկստանն է, Հայաստանը եւ Վրաստանը։ Մասամբ սովի է մատնված նաեւ Իրանը։ Ահա մեր այսօրվա տեղը աշխարհում։ Չորս հարեւաններից երկուսի հետ թշնամություն, մյուս երկուսի հետ քիչ թե շատ դրացիական հարաբերություն, բայց որոնք իրենք էլ սովի են մատնված։ Բայց հայ թալիբները թալիբ չեն լինի, եթե մինչեւ հեռանալը Վրաստանի սահմանն էլ չփակեն Հայաստանի ժողովրդի դեմ։ Հայաստանում հասարակական բաղնիքներ չեն փակում (գուցե այն պատճառով, որ գրեթե չկան), իսկ սաունաները չեն փակում, որովհետեւ դրանցից փող ունեն հայ թալիբների օրենսդիրները։ Նույնն է, թե բոլոր քիսաչիները սրանց օրոք օրենսդիր դարձան։ Նաեւ չեն ստիպում զանգվածաբար մորուք պահել, որպեսզի նոր խժդժությունների ժամանակ բացահայտված դաշնակները սխալմամբ չխփեն չբացահայտվածներին։
Նաեւ հավատի հարցում են տարբեր։ Հավատի, ոչ թե կրոնական պատկանելության։ Նրանք մոլեռանդորեն հավատում են իրենց աստծուն, սրանք նույնքան մոլեգնորեն ոչ մի սրբություն չեն ճանաչում։ Թվում էր, թե կրթության տարբերություն պիտի լիներ։ Բայց թվում է առաջին հայացքից։ Թե´ նրանց՝ Պակիստանի մեդրեսեներում ուսանած ապագա մոլլաներին, թե´ սրանց՝ Բաքվի կուսդպրոցներում եւ մերձավոր արեւելյան երկրների՝ սոցիալական բունտի մարքսիստական ճամբարներն անցած մանկուրտներին հանում են նույն կաղապարից՝ ուղեղները հանած։
Նմանությունների ու տարբերությունների անվերջանալի շարքն ընդհատելով՝ կարելի է միջանկյալ ամփոփում տալ։ Վարձկանների եւ տերերի փոխհարաբերությունների ճգնաժամի սկիզբը նշան է այն բանի, որ այդ կարգավիճակով նրանք իրենց դերակատարումը ավարտել են։ Ինչպես միաժամանակ եկան իշխանության, այդպես միաժամանակ էլ սկսվեցին նրանց պրոբլեմները մեծ տերությունների հետ։ Թող շքանշանը չխաբի։ Դա նախ՝ թոշակ ու անձեռնմխելիություն է նշանակում գոնե Ֆրանսիայի տարածքում։ Հետո, դա տրվել է Ֆրանսիային մատուցած ծառայությունների համար՝ Ղարաբաղի հաշվին։ Օջալանը բանտում չլիներ, Ֆրանսիայի պառլամենտը կդատապարտեր քրդերի մերօրյա ջարդերը։ Իսկ դրսում մնացած քրդերի սրտում թարմ էր վիրավորանքը Գերմանիայից՝ Օջալանին փուռը տալու համար, եւ նոր կուտ ուտելու դեռ պատրաստ չէին։ Տեր֊Պետրոսյանից էլ ժամանակին բան դուրս չեկավ, երեւի խորն էր տպավորվել ծնողների պատմածը, թե ինչպես ֆրանսիացիները արդեն քսանական թվականներին Կիլիկիան հանձնեցին թուրքերին՝ պատճառ դառնալով մի նոր գաղթի։
Իսկ Պակիստանը չի թողնի չափից դուրս ճնշեն փուշտուններին։ Միայն թե համաձայնեն, որ պետության կառավարմանը մասնակից լինեն նաեւ աֆղանական այլ ցեղեր։ Թալիբների պարտությանը շահագրգիռ չեն նաեւ հյուսիսի երեք սահմանակից հարեւաններից Ուզբեկստանն ու Թուրքմենիան։ Նաեւ Ղազախստանը, որը սահմանակից չէ, բայց տարածաշրջանի ազդեցիկ պետություն է։ Ինչո՞ւ չէ, նաեւ արեւելյան հարեւան Չինաստանը, որը դաշնակից է նրան, ով հակառակ է Հնդկաստանին, իսկ Աֆղանստանի թալիբները, որդեգիրը լինելով Պակիստանի, բնականաբար, հակառակ են Հնդկաստանին։ Այդպիսով, չհաշված Տաջիկստանը, որը սեփական քաղաքականություն չունի, Աֆղանստանի տեւական անկայունությամբ շահագրգռված պիտի լինի սահմանակից երկրներից միայն Իրանը։ Եւ ճակատագրի հեգնանքով մեր չորս հարեւաններից նույն Իրանն է առավելապես շահագրգռված, որ Հայաստանի շրջափակումը լինի հավերժ։ Այնպես որ, Աֆղանստանը չի մասնատվի, եւ փուշտունների իշխանությունը միջազգային ճանաչում կստանա։ Իսկ հայ փուշտունները իրենց ու Ղարաբաղը կործանելուց հետո հայ ժողովրդին կթողնեն սովի, վհատության եւ հարեւանների հետ տարիների թշնամանքի հետ։