Մարտին Իդեն, Գլուխ XXX

Գրապահարան-ից

Մարտին Իդեն
◀ Մարտին Իդեն, Գլուխ XXIX Մարտին Իդեն, Գլուխ XXXI ▶


Աշնանամուտի մի արևոտ ջինջ օր, այնպիսի մի օր, որպիսին էր և անցյալ տարի, երբ Մարտինն ու Ռութը առաջին անգամ խոստովանեցին, որ սիրում են իրար, Մարտինը կարդում էր Ռութի համար իր «Սոնետներ սիրո մասին»։ Ինչպես և այն ժամանակ, նրանք նստած էին իրենց սիրած տեղում, բլուրների մեջ։ Ռութը մի քանի անգամ ընդհատեց ընթերցումը խանդավառ բացականչություններով, և Մարտինը, վերջացնելով ընթերցումը, հուզմունքով սպասում էր, թե նա ինչ կասի։

Ռութը երկար լուռ մնաց, կարծես որոնելով այնպիսի բառեր, որոնք կարող էին մեղմել իր դատողության խստությունը։

― Այդ բանաստեղծությունները հիանալի են,— ասաց նա վերջապես,— իհարկե, հիանալի են։ Բայց չէ՞ որ դուք դրանց համար դրամ չեք կարող ստանալ։ Այսինքն՝ հասկանո՞ւմ եք, թե ես ինչ եմ ուզում ասել,— Ռութն ասաց դա համարյա պաղատագին,— այն բոլորը, որ դուք գրում եք, դուրս է գալիս, որ անառարկելի է կյանքում։ Ես չգիտեմ, թե դրա պատճառն ինչ է, հավանական է, որ այստեղ մեղավոր են շուկայի պայմանները, բայց դուք ձեր գրվածքներով չեք կարող դրամ վաստակել։ Ճիշտ հասկացեք ինձ, սիրելի՛ս։ Ես շատ եմ հպարտանում, այլապես ես իսկական կին չէի լինի․ ես հպարտանում և ուրախանում եմ, որ այդ հրաշալի բանաստեղծությունները ձոնված են ինձ։ Բայց չէ՞ որ դրանք չեն մոտեցնում մեր հարսանիքի օրը․ ճի՞շտ է, Մարտին։ Ինձ մի համարեք ընչաքաղց կին․ բայց ես շարունակ մտածում եմ մեր ապագայի մասին։ Չէ՞ որ մի ամբողջ տարի է անցել այն օրվանից, երբ մենք իրար հայտնեցինք մեր սերը, իսկ հարասնիքը նույնքան հեռու է, որքան առաջ։ Թող այս խոսակցությունն անհամեստ չթվա ձեզ, մի մոռանաք, որ հարցն իմ սրտի մասին է, իմ ամբողջ կյանքի մասին։ Եթե դուք այդքան շատ եք սիրում գրել, գործ ճարեք ձեզ որևէ թերթում։ Ինչո՞ւ ռեպորտյոր չեք դառնում՝ գոնե միառժամանակ։

— Դա կփչացնի իմ ոճը,— ասաց Մարտինը մեղմ միապաղաղ ձայնով,— դուք չեք կարող պատկերացնել, թե ինչքան աշխատանք եմ թափել այդ ոճը մշակելու համար։

— Բայց չէ՞ որ դուք լրագրային ֆելիետոններ եք գրել դրամ վաստակելու համար. դրանք չփչացրի՞ն ձեր ոճը։

— Դա բոլորովին այլ բան է․ դրանք գրել եմ ամբողջ օրը լուրջ աշխատելուց հետո, իսկ ռեպորտյորի աշխատանքով պիտի զբաղվել առավոտից մինչև երեկո, դրան հատկացնել ամբողջ կյանքը․ ընդսմին կյանքը վերածվում է ինչ-որ մրրկի․ դա մի րոպեի կյանք է՝ առանց անցյալի և առանց ապագայի։ Ռեպորտյորը ժամանակ էլ չունի մտածելու որևէ այլ ոճի մասին՝ բացի ռեպորտյորական ոճից։ Իսկ դա գրականություն չէ։ Ռեպորտյոր դառնալ հենց հիմա, երբ ինձ մոտ նոր է սկսվել մշակվել ու որոշվել ոճը, դա ինձ համար կլիներ գրական ինքնասպանություն։ Մինչև անգամ հիմա ամեն մի ֆելիետոն, ֆելիետոնի ամեն մի բառ ինձ համար միշտ էլ տառապանք է, բռնություն ինձ վրա, գեղեցկության իմ ըմբռնումի վրա։ Դուք չեք պատկերացնում, թե դա որքան դժվար է. պարզապես ես ինձ զգում եմ որպես ոճրագործ։ Ես մինչև անգամ գաղտնաբար ուրախացել եմ, երբ իմ «արհեստավորական» պատմվածքները այլևս չէին վաճառվում, թեպետ դրա հետևանքով ես հարկադրվել եմ գրավ դնել իմ կոստյումը։ Ի՞նչը կարող է համեմատվել այն վայելքի հետ, որ ես ապրեցի, երբ գրում էի «Սոնետներ սիրո մասին»։ Չէ՞ որ ստեղծագործության ուրախությունը հանդիսանում է աշխարհում ամենավեհ ուրախությունը, որը հարյուրապատիկ վարձատրել է ինձ իմ կրած բոլոր զրկանքների փոխարեն։

Մարտինը չգիտեր, որ Ռութի համար «ստեղծագործության ուրախությունը» դատարկ բառեր են։ Ճիշտ է, Ռութը հաճախ կիրառում էր այդ բառերը խոսակցության ժամանակ, և Մարտինը առաջին անգամ նրա բերանից էր լսել ստեղծագործության ուրախության մասին։ Ռութը կարդացել էր, համալսարանում լսել էր պրոֆեսորների դասախոսություններում, մինչև անգամ հիշատակել էր այդ բառերը, երբ քննություն էր տալիս գեղարվեստի բակալավրի աստիճան ստանալու համար։ Բայց ինքը՝ Ռութն այնքան սովորական աղջիկ էր, ամեն տեսակ ստեղծագործական հույզերից այնքան զուրկ, որ կարող էր միայն կուրորեն կրկնել այն, ինչ ասում էին ուրիշները ստեղծագործության մասին։

— Կարող է պատահել, որ խմբագիրն իրավացիորե՞ն է ուղղել ձեր «Ծովի երգերը»,— հարցրեց Ռութը.— եթե խմբագիրն ընդունակ չլիներ գնահատել գրական որևէ աշխատություն, նա խմբագիր չէր լինի։

— Դա մի ավելորդ ապացույց է հանրաճանաչ մտքերի կայունության,— ցասկոտ առարկեց Մարտինը՝ ջղագրգռված նրանից, որ հիշատակվեց իր թշնամիների՝ խմբագիրների անունը։— Ինչ գոյություն ունի, դա համարվում է ոչ միայն ճիշտ, այլև լավագույն։ Որևէ բանի գոյության հենց փաստը դիտվում է նրա արդարացումը, և այն էլ ոչ թե տվյալ պայմաններում, այլ հավերժորեն։ Իհարկե, մարդիկ հավատում են այդ անմտությանը՝ միայն շնորհիվ իրենց փտած տգիտության, շնորհիվ ինքնախաբեության, որն այնչափ հիանալի նկարագրել է Վայնինգերը։ Տգետ մարդիկ երևակայում են, թե մտածում են և կարգադրում են ճակատագիրն այն մարդկանց, որոնք իրոք մտածում են։

Մարտինը հանկարծ կանգ առավ վախենալով այն ենթադրությունից, որ Ռութի համար այդ ամենը դեռևս անհասկանալի է։

— Ես չգիտեմ, թե ով է Վայնինգերը,— առարկեց նա,— դուք միշտ էլ այնքան սարսափելի կերպով ընդհանրացնում եք ամեն բան, որ ես դադարում եմ ձեր մտքերը հասկանալուց։ Ես ասում եմ, որ եթե խմբագիրը...

— Իսկ ես ձեզ ասում եմ,— ընդմիջեց Մարտինը,— որ բոլոր խմբագիրները, գոնե նրանց իննսունինը տոկոսը, պարզապես ձախողակներ են։ Նրանք անհաջողություն կրած գրողներ են։ Սակայն մի՛ կարծեք, թե նրանց համար ավելի հաճելի է տաժանելի աշխատանք կատարել խմբագրատանը և գիտակցել, որ ստրկական կախում ունեն հանդեսի հաջողությունից և հրատարակչի ճարպկությունից, քան անձնատուր լինել ստեղծագործության ուրախություններին։ Նրանք փորձել են գրել, բայց ձախողվել են. և ահա դրանից էլ առաջանում է ամենաարտառոց մի պարադոքս։ Դեպի գրական հաջողություն տանող բոլոր դռներին հսկում են այդ պահապան շները, գրական ասպարեզում ձախողվածները։ Խմբագիրները, նրանց օգնականները, գրախոսները, առհասարակ այն բոլորը, որոնք կարդում են գրվածքները, ամենքն էլ այնպիսի մարդիկ են, որոնք ժամանակին ուզեցել են գրող դառնալ, բայց ձախողվել են։ Եվ ահա հենց նրանք, ովքեր եղել են ամենաշնորհազուրկները, հանդիսանում են գրական ճակատագրերի տնօրենները և վճռում են, թե ինչն է հարկավոր տպել, և ինչը չտպել։ Նրանք՝ ողորմելիներն ու անտաղանդները դատում են հանճարին։ Նրանց օրինակին հետևում են նաև քննադատները, առհասարակ նույնպիսի ձախողակները։ Մի՛ ասեք ինձ, թե նրանք երբեք չեն երազել ու չեն փորձել գրել չափածո կամ արձակ, նրանք փորձել են, բայց դրանից ոչինչ դուրս չի եկել։ Ամսաթերթերի այդ քննադատական հոդվածներից մարդու սիրտն է խառնում, ինչպես ձկան յուղից։ Դուք հո գիտե՞ք իմ տեսակետը քննադատության մասին։ Իհարկե, կան մեծ քննադատներ, բայց նրանք հազվադեպ են, ինչպես գիսավոր աստղերը։ Եթե ինձանից գրող դուրս չգա, խմբագիր կդառնամ. վերջ ի վերջո դա մի պատառ հաց է, մինչև անգամ կարագն էլ հետը։

Սակայն Ռութի աշխույժ միտքը իսկույն նկատեց իր սիրածի դատողությունների մեջ պարունակվող հակասությունը։

— Լա՛վ, Մարտին, եթե դա այդպես է, և տաղանդավոր մարդկանց համար խմբագրատների բոլոր դռները փակ են, այդ դեպքում ինչպես են առաջացել մեծ գրողները։

— Նրանք արել են անկարելին,— պատասխանեց նա,— նրանք ստեղծել են այնպիսի բոցավառ, փայլուն երկեր, որ բոլոր թշնամիները փոշիացել են, ոչնչացել։ Նրանք հաջողություն են ձեռք բերել հրաշքով, որը վիճակվում է հազարից մեկին։ Նրանք նման են Կարլայլի հսկաներին, որոնց չի կարելի հաղթահարել։ Ես էլ կանեմ նույնը, ես ձեռք կբերեմ անկարելին։

— Իսկ եթե ձախողվե՞ք։ Դուք պետք է մտածեք նաև իմ մասին, Մարտի՛ն։

— Եթե ես ձախողվեմ,— Մարտինը նայեց Ռութին մի րոպե՝ կարծես նա անիմաստ մի բան ասած լիներ․ հետո նրա աչքերը փայլատակեցին։— Այն ժամանակ ես խմբագիր կդառնամ, և դուք կլինեք խմբագրի կին։

Ռութը ծամածռեց իր դեմքը, հմայիչ մի ծամածռություն, որը Մարտինը անմիջապես վանեց համբույրներով։

— Լա՛վ, բավական է— բողոքում էր Ռութը՝ ջանալով կամքի ճիգով ազատվել Մարտինի ուժի թովչանքից։— Ես խոսել եմ հայրիկիս ու մայրիկիս հետ. դեռ երբեք նրանց հետ այդպես չէի պատերազմել, ես անպատկառ ու խիզախ վարվեցի նրանց հետ։ Նրանք երկուսն էլ տրամադրված են ձեր դեմ, բայց ես այնքան հաստատակամ խոսեցի նրանց հետ ձեր նկատմամբ ունեցած իմ սիրո մասին, որ հայրիկս, վերջապես համաձայնեց ձեզ ընդունել իր գրասենյակը ծառայության։ Նա մինչև անգամ վճռեց միանգամից ձեզ նշանակել վայելուչ ռոճիկ, որպեսզի մենք կարողանանք ամուսնանալ և ինքնուրույն ապրել մի որևէ տեղում՝ մի փոքր քոթեջում։ Դա նրա կողմից մեծ սիրալիրություն է․ այնպես չէ՞, Մարտի՛ն։

Մարտինը զգաց, թե ինչպես բութ հուսահատությունը ճնշեց իր սիրտը։ Նա մեքենաբար ձեռքը տարավ գրպանը՝ ծխախոտ և թուղթ հանելու (որ արդեն երկար ժամանակ էր, ինչ չէր պահում իր մոտ) և անորոշ մրթմրթաց ինչ֊որ մի բան։

Ռութը շարունակեց․

— Անկեղծ ասած, միայն թե, ի սե՜ր աստծո, մի՛ վիրավորվեք, հայրիկիս բոլորովին դուր չեն գալիս ձեր արմատական հայացքները, և, բացի այդ, նա ձեզ համարում է ձույլ։ Ես, իհարկե, գիտեմ, որ դուք ծույլ չեք, գիտեմ, թե դուք ինչքան շատ եք աշխատում։

«Ո՛չ, այդ բանը մինչև անգամ Ռութը չգիտե», մտածեց Մարտինը, բայց բարձրաձայն հարցրեց.

— Լավ, իսկ դուք ի՞նչ եք կարծում, իմ հայացքները ձեզ է՞լ են չափազանց արմատական թվում։— Նա շեշտակի նայեց աղջկա աչքերին՝ սպասելով պատասխանի։

— Դրանք ինձ թվում են․․․ տարակուսելի,— պատասխանեց Ռութը վերջապես։

Դրանով ամեն ինչ ասված էր, և հանկարծ կյանքը Մարտինին թվաց այնքան տխուր, որ նա բոլորովին մոռացավ Ռութի զգուշությամբ արված առաջարկը՝ ծառայության մտնել իր հոր գրասենյակը։ Իսկ Ռութին թվում էր, թե ինքն արդեն համարձակվել է բավական առաջ գնալ, դրա համար էլ պատրաստ էր համբերատարությամբ սպասել հարմար առիթի, այդ հարցին վերադառնալու համար։

Բայց երկար սպասելու կարիք չեղավ, Մարտինը հարց ուներ Ռութին տալու։ Մարտինն ուզում էր իմանալ, թե ինչքան է Ռութը հավատում նրան։ Եվ մի շաբաթ հետո երկուսն էլ ստացան իրենց հարցերի պատասխանը։

Մարտինը փութացրեց գործը՝ կարդալով Ռութին իր «Արևի ամոթանքը»։

— Ինչո՞ւ դուք չեք ուզում թղթակից դառնալ,— բացականչեց Ռութը, երբ Մարտինը վերջացրեց կարդալը․— դուք շատ եք սիրում գրել և, անշուշտ, հաջողություն ձեռք կբերեիք, առաջ կգնայիք, անուն կշահեիք։ Չէ՞ որ մի քանի հատուկ թղթակիցներ ահագին գումարներ են վաստակում և, բացի այդ, ճամփորդում են ամբողջ աշխարհում։ Նրանց ուղարկում են Աֆրիկա (օրինակ՝ Սթենլիին), նրանք Վատիկանում հարցազրույց են ունենում պապի հետ, հետազոտում են Տիբեթի խորհրդավոր անկյունները։

— Նշանակում է իմ հոդվածը ձեզ դուր չի՞ գալիս,— հարցրեց Մարտինը.— հետևաբար, դուք ենթադրում եք, որ ես կարող եմ լինել միայն լրագրող, բայց ոչ երբեք գրող։

— Ո՛չ, ո՛չ, ես շատ հավանեցի ձեր հոդվածը․ հիանալի է գրված․ բայց ես վախենում եմ, որ դա ձեր ընթերցողների հասկացողությունից վեր է։ Ամեն պարագայում իմ ուժից վեր է. հնչում է շատ լավ, բայց ես ոչինչ չհասկացա։ Նախ՝ չափազանց շատ է գիտական տերմինոլոգիան։ Սիրելիս, դուք սիրում եք ծայրահեղություններ, և ինչ֊որ ձեզ հասկանալի է թվում, բոլորովին անհասկանալի է մեզ համար։

— Ճի՛շտ է, հոդվածում շատ կան փիլիսոփայական տերմիններ,— հազիվ կարողացավ ասել Մարտինը։

Նա տակավին հուզված էր, նոր էր կարդացել Ռութի համար իր ամենահասուն մտքերը, և աղջկա դատողությունը նրան ապշեցրեց։

— Ասենք, թե դա շատ ողորմելի է ձևով,— փորձեց պնդել Մարտինը,— բայց մի՞թե դուք չեք համակրում նաև մտքերը։

Ռութը շարժեց գլուխը։

— Ո՛չ․ դա բոլորովին նման չի այն բոլորին, որ ես կարդացել եմ․․․ Ես կարդացել եմ Մետերլինգին, և նա լրիվ հասկանալի է ինձ։

— Նրա միստիցիզմը ձեզ հասկանալի՞ է,— գոռաց Մարտինը։

— Այո՛, իսկ ձեր այդ հարձակումը նրա վրա ինձ բոլորովին անհասկանալի է։ Իհարկե, եթե խոսենք ինքնատիպության մասին...

Մարտինն անհամբեր մի շարժում արեց, բայց լուռ մնաց։ Հետո հանկարծ նրա գիտակցությանը հասավ, որ Ռութը շարունակում է խոսել արդեն բավական ժամանակ։

— Վերջ ի վերջո ձեր ստեղծագործությունը ձեզ համար խաղալիք է եղել,— ասում էր նա,— դուք բավական երկար զվարճացել եք դրանով. հիմա արդեն ժամանակն է լրջորեն վերաբերվելու կյանքին, մեր կյանքին, Մարտին։ Մինչև այժմ դուք ապրել եք միայն ձեզ համար։

— Դուք ուզում եք, որ ես ծառայության մտնեմ։

— Այո՛, հայրիկս առաջարկում է ձեզ...

— Գիտեմ, գիտեմ,— ընդմիջեց նա խստորեն,— բայց ես ուզում եմ իմանալ հավատո՞ւմ եք դուք ինձ, թե արդեն կորցրել եք ձեր հավատը իմ նկատմամբ։

Ռութը լռելյայն սեղմեց նրա ձեռքը։ Նրա աչքերը արտասվակալեցին։

— Ոչ թե ձեր... ձեր գրական տաղանդի նկատմամբ, սիրելի՛ս,— գրեթե շշնջյունով ասաց նա։

— Դուք շատ բան եք կարդացել իմ գրվածքներից,— նույն անողոք ուղղամտությամբ շարունակեց Մարտինը,— ի՞նչ է ձեր կարծիքը դրանց մասին։ Ձեզ թվում է, թե դրանք շատ վա՞տն են, ավելի վատ, քան գրում են ուրիշնե՞րը։

— Ուրիշները դրամ են ստանում իրենց գրվածքների համար։

— Դա իմ հարցի պատասխանը չէ։ Դուք գտնում եք, որ գրականությունն իմ կոչումը չէ՞։

— Լավ, ես կպատասխանեմ ձեզ,— Ռութը ճիգ գործ դրեց իր վրա։— Ես չեմ կարծում, թե դուք գրող կդառնաք, մի չարանաք ինձ վրա, սիրելիս. դուք ինքներդ հարցրիք։ Չէ՞ որ դուք գիտեք, որ ես ձեզանից ավելի եմ հասկանում գրականությունը։

— Այո՛, դուք արվեստների բակալավր եք,— ասաց Մարտինը մտածկոտ,— դուք պետք է հասկանաք... Բայց դրանով ամեն ինչ չի սպառվում,— շարունակեց նա երկուսի համար էլ տանջալից լռությունից հետո։— Ես գիտեմ, թե որն է իմ կոչումը. ոչ ոք ինձանից լավ չի կարող գիտենալ այդ։ Ես գիտեմ, որ հաջողություն ձեռք կբերեմ. ես կհաղթահարեմ բոլոր արգելքները։ Ինձանում եռում է այն ամենը, որ արտացոլում են իմ բանաստեղծությունները, հոդվածներն ու պատմվածքները. բայց ես ձեզ չեմ խնդրում հավատալ դրան։ Մի՛ հավատացեք ոչ ինձ, ոչ էլ իմ գրական տաղանդին։ Միակ բանը, որի մասին խնդրում եմ ձեզ, հավատալ իմ սիրույն և առաջվա պես սիրել ինձ։ Հիշո՞ւմ եք, որ ես խնդրեցի ձեզ սպասել երկու տարի։ Մի տարին արդեն անցավ, բայց ես պատվովս եմ երդվում՝ ամբողջ հոգով հավատում եմ, որ մի տարի չանցած ես հաջողություն ձեռք կբերեմ։ Հիշո՞ւմ եք՝ ժամանակին ասել եք ինձ, որ գրող դառնալու համար պետք է անցնել աշակերտական շրջան։ Լավ, ես անցա այդ շրջանը. շտապեցի, կարճացրի ժամկետը։ Բոլոր իմ ձգտումների վերջնական նպատակը եղել եք դուք, և ձեր մասին մտածելը շարունակ վառ է պահել իմ եռանդը։ Դուք գիտեք, որ ես վաղուց եմ մոռացել, թե ինչ բան է կուշտ քնելը։ Երբեմն թվում է ինձ, թե միլիոնավոր տարի է անցել այն ժամանակից, երբ ես քնում էի, ինչքան ինձ հարկավոր է, և զարթնում էի քունս առնելուց հետո։ Այժմ ինձ միշտ էլ զարթուցիչն է ոտքի հանում։ Երբ էլ որ պառկեմ, վաղ թե ուշ, միշտ միևնույն ժամին եմ լարում զարթուցիչը։ Վերջին գիտակցական ճիգը, որ ես անում եմ քնից առաջ, դա այն է, որ ես լարում եմ ժամացույցը և հանգցնում լամպը։ Երբ զգում եմ, որ քունս գալիս է, դժվարին գիրքը փոխարինում եմ հեշտ գրքով, իսկ երբ այդ ավելի հեշտ գրքի վրա էլ սկսում եմ դանթել, բռունցքով խփում եմ գլխիս՝ քունը վանելու համար։ Ես կարդացել եմ մի մարդու մասին, որ վախենում էր քնել, հիշո՞ւմ եք Կիպլինգի գրածը։ Նա անկողնի մեջ սարքել էր մի խթան, որ եթե քներ, այդ պողպատե փուշը խրվում էր մարմնի մեջ։ Նույն բանը կիրառել եմ և ես։ Անկողնի մեջ դնում էի մեխ և վճռում էի, որ չեմ քնելու մինչև կեսգիշեր, մինչև ժամը մեկը, երկուսը և մեխը չէր թողնում, որ քնեմ մինչև սահմանված ժամանակը։ Երկար ամիսներ ես նրա հետ բաժանում էի իմ անկողինը։ Ես հասա այնտեղ, որ հինգուկես ժամ քնելը ինձ համար անթույլատրելի մի շքեղություն էր դարձել։ Հիմա քնում եմ միայն չորս ժամ․ ես տառապում եմ քնի պակասից։ Երբեմն գլուխս է պտտվում և մտքերս շփոթվում են այնքան, որ ուզում եմ քնել, երբեմն գերեզմանային անդորրը ինձ թվում է երանություն։ Ես հաճախ հիշում եմ Լոնգֆելլոյի բանաստեղծությունը։

Ծովի անհատակ սառը խորունկում
Ողջն ընկղմված է անդորր, մեղմ քնում.
Լոկ մի քայլ արա՝ ջուրը կճղփա,
Եվ ամեն ինչ առմիշտ կանհետանա։

Իհարկե, այդ ամենը դատարկ բան է․ դա առաջանում է ջղերի սաստիկ հոգնածությունից։ Բայց հարց է ծագում՝ հանուն ինչի՞ եմ արել այդ ամենը՝ հանուն ձեզ։ Որպեսզի կրճատեմ իմ աշակերտության ժամկետը, որպեսզի փութացնեմ հաջողությունը։ Հիմա իմ աշակերտությունը վերջացել է։ Ի՞նչ բանի եմ ես ընդունակ։ Հավատացնում եմ ձեզ, որ ոչ մի ուսանող մի տարում չի սովորի այն, ինչ ես սովորում եմ մի ամսում։ Ես գիտեմ, հավատացեք ինձ։ Ես չէի սկսի խոսել այդ մասին, եթե այնքան ջերմորեն չցանկանայի, որ դուք հասկանաք ինձ․ դրանում պարծենկոտություն չկա։ Իմ պարապմունքների արդյունքը չափվում է գրքերով։ Ձեր եղբայրները, ինձ հետ համեմատած, տգետ վայրենիներ են, իսկ իմ ամբողջ զարգացումը ես ձեռք եմ բերել այն ժամանակ, երբ նրանք խաղաղ քնած էին լինում։ Միաժամանակ ես ուզում էի համբավ ձեռք բերել։ Հիմա փառքն ինձ համար ոչինչ չի նշանակում։ Ես երազում եմ միայն ձեզ․ դուք ինձ համար կերակուրից, հագուստից ավելի կարևոր եք, ավելի հարկավոր, քան աշխարհում ամեն ինչ։ Ես երազում եմ միայն այն մասին, որ վերջապես քնեմ՝ գլուխս դնելով ձեր կրծքին։ Եվ դեռ տարին չանցած այդ երազը կիրագործվի։

Մարտինի ուժը նորից ողողեց Ռութին՝ իրար հաջորդող ալիքներով. և ինչքան համառորեն նա դիմադրում էր դրան, այնքան ավելի էր նա ձգվում դեպի Մարտինը։ Այդ ուժը, որը նվաճել էր Ռութին, հիմա հայտնաբերվում էր Մարտինի փայլատակող հայացքում, նրա կրքոտ խոսքերում, այն կենսական ահագին եռանդում, որը փոթորկվում ու եփ էր գալիս նրա մեջ։ Եվ ահա մի պահ, միայն մի ակնթարթի համար, Ռութի ամուր և կայուն աշխարհը տատանվեց, և նա հանկարծ տեսավ իր աչքի առաջ իսկական, հոյակապ ու անպարտելի Մարտին Իդենին։ Եվ ինչպես դա պատահում է գազանազուսպներին, որոնց երբեմն պատում է կասկածը, այնպես էլ Ռութը կասկածեց այդ մարդու ըմբոստ ոգին ճնշելու հնարավորության մասին։

— Մի բան էլ,— շարունակեց նա,— դուք ինձ սիրում եք. բայց ինչո՞ւ եք սիրում ինձ։ Չէ՞ որ դա նույն ուժն է, որ ստիպում է ինձ գրել, ստիպում է ձեզ սիրել ինձ։ Դուք սիրում եք ինձ նրա համար, որ ես նման չեմ ձեզ շրջապատող մարդկանց։ Ես չեմ ստեղծվել գրասենյակի հաշվապահական մատյանների, մանր գործառնության և օրինականացած խաբեբայության համար։ Ստիպեցեք ինձ անել այն, ինչ անում են բոլոր այդ մարդիկ, շնչել նրանց հետ միևնույն օդը, բաժանել նրանց հայացքները և դուք կոչնչացնեք իմ և նրանց միջև եղած տարբերությունը, կոչնչացնեք ինձ, կոչնչացնեք այն, ինչ սիրում եք դուք։ Իմ մեջ ամենակենդանի բանը ստեղծագործության տենչն է։ Եթե ես լինեի սովորական մի տխմար, եթե ես չցանկանայի գրել, դուք չէիք ուզենա ամուսնանալ ինձ հետ։

— Բայց դուք մոռանում եք,— ընդմիջեց նրան Ռութը, որի մակերեսային խելքը շատ էր հակված դեպի բաղդատությունները,― որ անցյալում էլ եղել են պարզամիտ գյուտարարներ, որոնք իրենց ամբողջ կյանքում ճգնել են գտնել ինչ֊որ հավերժական շարժիչ։ Հասկանալի է, որ նրանց կանայք սիրում էին նրանց և հետները տանջվում էին նրանց խենթությունների պատճառով։

— Ճիշտ է,— առարկեց Մարտինը,— բայց եղել են և այլ գյուտարարներ, որ խենթեր չեն եղել և իրենց ամբողջ կյանքում ճգնել են գտնել իրական ու գործնական մի բան և վերջ ի վերջո գլուխ են բերել իրենց ուզածը։ Չէ՞ որ ես ոչ մի անկարելի բան չեմ ուզում․․․

— Իսկ դուք ինքներդ ասացիք, որ ուզում եք «ձեռք բերել անկարելին»։

— Ես այլաբերական մտքով արտահայտվեցի։ Ըստ էության խոսելով՝ ես ձգտում եմ հասնել այն բանին, ինչին հասել են ինձանից առաջ շատ֊շատերը․ գրել և ապրել գրական աշխատանքով։

Ռութի լռությունը ջղագրգռում էր Մարտինին։

— Ուրեմն դուք գտնում եք, որ իմ նպատակը նույնքան ցնորական է, որքան հավերժական շարժիչ որոնե՞լը,— հարցրեց նա։

Ռութը սեղմեց նրա ձեռքը մայրական քնքշությամբ, կարծես մայրը հանգստացնում էր իր քմահաճ երեխային։ Ռութի համար Մարտինն իսկապես լոկ քմահաճ, խենթավուն մի երեխա էր, որ ցանկանում էր ձեռք բերել անկարելին։

Ռութը մեկ անգամ էլ հիշեցրեց Մարտինին, թե ինչպես թշնամաբար են վերաբերվում նրան իր ծնողները։

— Բայց չէ՞ որ դուք սիրում եք ինձ,— հարցրեց նա։

— Սիրո՜ւմ եմ, սիրո՜ւմ,— բացականչեց Ռութը։

— Ես էլ ձեզ եմ սիրում և նրանք ոչինչ չեն կարող անել ինձ,— հանդիսավոր հնչեց Մարտինի ձայնը։— Քանի ես հավատում եմ ձեր սիրույն, նրանց ատելության հետ գործ չունեմ։ Աշխարհում ամեն ինչ անհաստատ է՝ բացի սիրուց։ Սերը չի կարող մոլորվել ճանապարհից, եթե միայն իսկական սեր է, և ոչ թե թուլակազմ մի դարձվոր, որը սայթաքում և ընկնում է ամեն մի քայլափոխում։