Նրա նախնիների աստվածը

Գրապահարան-ից
Նրա նախնիների աստվածը

հեղինակ՝ Ջեկ Լոնդոն
թարգմանիչ՝ Վահան Վարդանյան

1

Ամենուրեք փռվել էին անանցանելի, կուսական անտառներ, որոնք աղմկալի ֆարսերի և լուռ դրամաների գործողության վայր էին։ Այստեղ գոյության պայքար էր մղվում նախնադարյան դաժանությամբ։ Բրիտանացիներն ու ռուսները դեռ չէին եկել այստեղ՝ Ծիածանի Եզրին գտնվող Երկրի բուն սիրտը, և ամերիկյան ոսկին դեռևս չէր գնել նրա վիթխարի տարածությունները։ Գայլերի ոհմակները դեռևս կրնկակոխ հետապնդում էին եղջերուների հոտերը, թռցնելով ծանրացած էգերին կամ ուժասպառներին, ու զոհերին բզկտելով նույնպիսի անողոքությամբ, ինչպես իրենցից հազարավոր սերունդներ առաջ։ Փոքրաթիվ բնիկները դեռևս ենթարկվում էին իրենց առաջնորդներին ու մեծարում շամաններին, դուրս էին քշում չար ոգիներին, հրկիզում կախարդներին, կռվում էին հարևանների հետ և նրանց խժռում այնպիսի ախորժակով, որը պատիվ էր բերում հաղթողների ստամոքսին։ Քարե դարն իր մայրամուտն էր ապրում։ Իսկ անծանոթ կածաններով, քարտեզների վրա չնշված անապատներով արդեն գալիս էին պողպատե դարի ավետաբերները՝ շիկահեր, կապուտաչ և անհնազանդ ցեղի որդիները։ Մերթ պատահականորեն, մերթ միաումնավոր, երկուսով, երեքով գալիս էին նրանք անհայտ տեղից, կռվում ու մեռնում կամ հեռանում էին անհայտ ուղղությամբ։ Շամանները անեծք էին թափում նրանց գլխներին, առաջնորդները հավաքում էին ռազմիկներին, և քարը գոտեմարտի էր բռնվում պողպատի հետ, բայց իզուր։ Նրանք, ինչպես ջուրը վիթխարի ջրամբարից, հոսում էին մռայլ թավուտներով ու լեռնանցքներով, նրանց թեթև նավակները մտնում էին հեռավոր գետերը, և մոքասինները ճանապարհ էին բացում շնասահնակների համար։ Դրանք մեծ ու հզոր ցեղի որդիներն էին, և նրանք շատ էին, բայց Հյուսիսային երկրի մորթազգեստ բնակիչները առայժմ այդ բանը չգիտեին։ Քանի-քանի չգովերգված եկվորներ են կռվել մինչև վերջինը ու մեռել հյուսիսափայլի սառը ցոլքերի տակ, այնպես, ինչպես կռվել ու մեռել էին նրանց եղբայրները անապատների շիկացած ավազուտներում կամ մահաբեր գոլորշիներով շնչող ջունգլիներում, այնպես, ինչպես կռվելու և մեռնելու են նրանք, որոնք կգան նրանցից հետո, մինչև որ այդ մեծ ցեղը իր բախտը կգտնի նշանակված ժամին։


Մոտենում էր ժամը տասներկուսը։ Հյուսիսում հորիզոնը ողողված էր ալ շողարձակումով. արևմուտքում այն գունատվում էր և արևելքում թանձրանում՝ նշելով կեսգիշերային անտեսանելի արեգակի դիրքը։ Աղջամուղջն այնքան աննկատելիորեն էր վերածվում արշալույսի, որ գիշերն անհետանում էր, մեռնող օրը հանդիպում էր նոր ծնվողի հետ, և այդ իսկ պատճառով երբեմն թվում էր, թե երկնքում արեգակնային երկու սկավառակ կա։ Դաշտակտցարը նոր էր երկչոտորեն ճռվողել իր երեկոյան երգը, իսկ լուսահավքն արդեն բարձրաձայն ողջունում էր վերահաս առավոտը։ Յուքոնի մեջտեղում ընկած կղզուց լսվում էր վայրի բադերի կռվարար ճղճղոցը և, կարծես ի պատասխան դրան, բևեռային սուզահավի ծիծաղաշարժ քրքիջն էր ափից տարածվում սառած հարթության վրա։

Խաղաղ գետախորշում մի քանի շարքերով կանգնած էին կեչու կեղևից պատրաստված նավակները։ Ոսկրե տափակ ծայրակալներով նիզակները, նույնպիսի հարդարանքով նետերը, եղջերվաջլերով ձգված աղեղները, հյուսված ձկնորսակողովները․ ամեն ինչ ցույց էր տալիս, որ սաղմոնը ձու էր դնում։ Ափից, ուր երևում էին մորթիներով ծածկված վիգվամները և չորանալու համար կախված ձկները, ձայներ էին լսվում։ Երիտասարդները իրենց ճարպկությունն էին ցուցադրում ու կատակում աղջիկների հետ, հարգարժան սքվոները, որոնք զրկված էին այդ հաճույքից, քանի որ կյանքում իրենց համար նախատեսված դերն էին կատարում՝ սերունդ բազմացնելով, պարաններ էին գործում փռվող կանաչների ցոդուններից ու բամբասում էին։ Հենց այստեղ խաղում ու կռվում էին մերկ երեխաները, մուգ շիկավուն հսկայական շների հետ թավալվում գետնին։

Բնակատեղիից բավական հեռու երևում էր երկու վրան։ Դա սպիտակ մարդու ճամբարն էր. տեղի ընտրությունն իսկ արդեն համոզիչ կերպով վկայում էր այդ։ Անհրաժեշտության դեպքում այստեղից հարմար էր գնդակոծել մի հարյուր մետրի վրա գտնվող բնակատեղին, բարձունքը և բաց տարածությունը թույլ էին տալիս հարձակման դեպքում պաշտպանության անցնել և, վերջապես, հետևի մոտ քսան մետրանոց զառիթափ լանջը հնարավորություն էր տալիս արագորեն նահանջել դեպի նավակները։ Վրաններից մեկում լաց էր լինում հիվանդ երեխան, և մայրը օրոր էր ասում։ Դրսում, արդեն հանգչող խարույկի մոտ, զրուցում էին երկու հոգի։

— Այո, ես հարգում եմ եկեղեցին, որպես նվիրված որդի։ Այնպես եմ հարգում, որ ցերեկը փախչում եմ նրանից, իսկ գիշերը երազում եմ հատուցման մասին։ Իսկ ի՞նչ էիք ուզում,— մետիսի ձայնի մեջ զայրույթի նոտաներ լսվեցին։— Ես ծագումով Կարմիր գետից եմ։ Հայրս սպիտակամորթ էր, այնպիսին, ինչպիսին դուք եք։ Միայն թե դուք յանկի եք, իսկ նա անգլիացի էր և ջենթլմենի որդի։ Իսկ մայրս հնդկացուհի էր, մի առաջնորդի դուստր, և ես դարձա իսկական տղամարդ։ Այո, դժվար է ասել, թե ինչ արյուն է հոսում իմ երակներում, չէ որ ես մեծացել եմ սպիտակների մեջ, ինչպես հավասար, և իմ կրծքում հորս սիրտն է բաբախում։ Եվ ահա ես հանդիպեցի մի աղջկա, սպիտակամորթ աղջկա, որը բարյացակամորեն էր նայում ինձ։ Նրա հայրը, որ ծագում ով ֆրանսիացի էր, շատ հողեր ու ձիեր ուներ, և այնտեղ շատ էին հարգում նրան։ «Դու ցնդել ես», իմանալով իմ մասին, ասաց նա աղջկան և շատ երկար համոզեց նրան ու խիստ բարկացավ։

Բայց աղջիկը չէր ցնդել, և շուտով մենք արդեն կանգնած էինք քահանայի առջև։ Սակայն դրանից առաջ նրա մոտ եղել էր հայրը և հազար ու մի վատ խոսքեր ասել, թե ինչ֊որ բան խոստացել, ես այդ չգիտեմ։ Քահանան համառեց, չուզեց այնպես անել, որ մենք իրար հետ ապրենք։ Երբ ես ծնվեցի՝ եկեղեցին չուզեց օրհնել ինձ, եկեղեցին էլ արգելեց ինձ ամուսնանալ, և նրա պատճառով ձեռքերս արյունով են ներկված։

Ահա թե ինչու եմ ես հարգում եկեղեցին։ Հետո ես խփեցի ստախոս քահանայի դեմքին, ես ու աղջիկը թռանք արագավազ ձիերի վրա ու սլացանք դեպի Պիեռ ամրոցը, որտեղ ապրում էր մի բարի քահանա։ Բայց մեր հետևից ընկան աղջկա հայրն ու եղբայրները և էլի ինչ֊որ մարդիկ, որոնց նա գրգրռել էր։ Ու մենք հենց ընթացքի պահին կռվեցինք, մինչ ես երեքին ցած գլորեցի թամբից, իսկ մնացածները ետ փախան։ Այնուհետև մենք գնացինք դեպի արևելք և թաքնվեցինք բլուրների ու անտառների մեջ ու այնտեղ էլ ապրեցինք։ Բայց մենք ամուսնացած չէինք, ահա թե ինչ արեց ձեր բարի եկեղեցին, որին ես հարգում եմ, որպես հնազանդ որդի։

Կանայք տարօրինակ արարածներ են, և նրանց ոչ մի տղամարդ չի կարող հասկանալ։ Նրանցից մեկը, որին ես ցած էի գցել թամբից, աղջկա հայրն էր, նա ընկավ, և հետևից եկողները կոխկրտեցին նրան։ Մենք երկուսս էլ տեսանք, թե ինչպես տեղի ունեցավ այդ ամենը, բայց ես կմոռանայի դա, սակայն աղջիկը չէր կարող մոռանալ։ Եվ ահա երեկոյան լռության մեջ, որսից հետո, դա գալիս էր ու կանգնում մեր միջև, ամբողջ երկարատև լուռ գիշերին, երբ վառվում էին աստղերը, ու մենք պետք է ի մի ձուլվեինք։ Եվ այդպես էր միշտ։ Նա երբեք խոսք չէր բացում պատահածի մասին, բայց կարծես կարծես նստած էր խարույկի մոտ, ու մենք օտարների պես էինք։ Ես գիտեմ, աղջիկն ուզում էր ամեն ինչ մոռանալ, բայց մտքերը տանջում էին նրան, ես այդ տեսնում էի նրա աչքերից և զգում նրա շնչառությունից։

Հետո նա երեխա ունեցավ, աղջիկ, և մեռավ։ Իսկ ես գնացի մորս ցեղի մոտ, որպեսզի երեխան կարողանա կերակրվել կնոջ կրծքով և ապրել։ Բայց ձեռքերիս վրայից դեռ չէր լվացվել իմ սպանած մարդկանց արյունը. դրանում մեղավոր էր եկեղեցին։ Եվ ահա մի անգամ հեծյալ ոստիկանություն եկավ իմ հետևից, բայց քեռիս, որն այն ժամանակ ցեղի առաջնորդն էր, ինձ թաքցրեց և լավ ձիեր ու պարեն տվեց։ Ես վերցրի աղջկաս, ու մենք գնացինք հեռու, դեպի Հուդզոնի ծոցը, որտեղ քիչ սպիտակամորթներ կային, ու նրանք ոչինչ չէին հարցնում։ Այնտեղ ես աշխատանքի անցա Ընկերությունում, եղա որսորդ, ուղեկցող, սահնակավար, մինչև որ աղջիկս դարձավ կին՝ բարձրահասակ, սլացիկ ու հաճելի արտաքինով։

Դուք գիտեք այստեղի երկարատև ու տխուր ձմեռը, այն զանազան խոհեր է արթնացնում ու հիմար արարքների մղում։ Այսպես ուրեմն, այնտեղ կար մի գլխավոր գործակալ՝ լկտի և անզգա մի մարդ։ Եվ նրանցից չէր, որ դուր են գալիս կանանց։ Բայց նրա աչքովն էր ընկել աղջիկս, որը կին էր դարձել։ Մայր աստվածածին։ Մի անգամ նա ինձ շներով երկարատև ուղևորության ուղարկեց, և պարզվեց, նրա համար, որպեսզի․․․ դե, հասկանում եք էլի։ Անզգա, անսիրտ մարդ։ Իսկ աղջիկս գրեթե սպիտակ էր, հոգին նույնպես սպիտակ էր, և այնքան լավ կին էր․․․ Մի խոսքով՝ նա մեռավ։

Այն գիշեր, երբ ես վերադարձա, խիստ սառնամանիք էր։ Ճանապարհորդությունը տևել էր շատ ամիսներ, և շներս հազիվհազ էին քաշում սահնակը, երբ ես մոտենում էի ամրոցին։ Հնդկացիներն ու մետիսները ինչ֊որ տարօրինակ կերպով նայում էին ինձ ու լռում, և այդ ժամանակ, չգիտեմ ինչո՛ւ, ես վախեցա։ Բայց ոչինչ չհարցրեցի, կերակրեցի շներին ու ինքս էլ մի լավ կերա, ինչպես մի մարդ, որը ծանր գործ էր անելու։ Եվ հետո միայն պահանջեցի, որ ինձ ասեին, թե բանն ինչումն է։ Նրանք սիրտ չէին անում, վախենում էին, որ չլինի, թե ես կատաղության մեջ որևէ բան անեմ։ Բայց և այնպես նրանք բառ առ բառ, քայլ առ քայլ պատմեցին այդ տխուր պատմությունը ու խիստ զարմացան, որ ես լուռ եմ։

Լսելուց հետո գնացի գործակալի տունը և ավելի հանգիստ էի, քան հիմա, որ հիշում եմ։ Գործակալը վախեցավ և օգնության կանչեց, բայց մարդիկ դժդոհ էին նրա արարքից ու գտնում էին, որ նա պետք է պատասխան տա դրա համար։ Գործակալը փախավ քահանայի տունը։ Ես գնացի այնտեղ։ Քահանան դուրս եկավ, կանգնեց շեմին ու սկսեց ինձ հորդորել, ասելով, թե մարդ զայրույթի պահին պետք է աստծուն աղոթի, որ նա իրեն ճիշտ ճանապարհի բերի։ Ես ասացի, որ հայրական վիշտն ու զայրույթը ինձ իրավունք են տալիս ներս մտնելու, իսկ նա պատասխանեց՝ միայն իր մարմնի վրայով, և սկսեց աղոթել։ Այսպես եկեղեցին նորից կանգնեց իմ ճհանապարհին. նա միշտ էլ կանգնել է իմ ճանապարհին։ Ես անցա քահանայի վրայով և գործակալին ուղարկեցի այնտեղ, որտեղ նա կհանդիպի իմ աղջկան, այնտեղ, որտեղ ապրում է գործակալի աստվածը, տմարդի աստվածը, սպիտակ մարդկանց աստվածը։

Տեղի ունեցածի մասին հաղորդեցին մոտակա պահակակետին, ինձ սկսեցին հետապնդել, ու ես ստիպված եղա թաքնվել։ Ես գնացի դեպի արևելք, Մեծ Գերության մոտով, Մաքենզիով դեպի ներքև, հասա հավերժական սառույցներին, անցա Ձյունապատ Ժայռերը, դուրս եկա Յուքոնի Մեծ Ոլորանի մոտ և իջա այստեղ։ Դուք իմ հոր ցեղից առաջին մարդն եք, որին ես հանդիպել եմ այդ բոլոր օրերի ընթացքում։ Ու թող դուք լինեք վերջինը։ Բնակատեղիի այս մարդիկ իմ ցեղից են, նրանք պարզ են ու անխարդախ։ Նրանք սովորել են հարգել ու մեծարել ինձ։ Իմ խոսքը օրենք է նրանց համար, շամաններն էլ հնազանդ են ինձ, որովհետև վախենում են, որ ես կարող եմ վնաս հասցնել իրենց։ Այսպես ուրեմն, երբ ես խոսում եմ նրանց կողմից, ես խոսում եմ նաև իմ կողմից։ Հանգիստ թողեք մեզ։ Հեռացե՛ք այստեղից։ Եթե դուք մնաք մեր խարույկների մոտ, ձեր հետևից կգա ձեր եկեղեցին, կգան ձեր քահանաներն ու աստվածները։ Եվ իմացած եղեք՝ ամեն մի սպիտակամորթի, ով կգա իմ բնակատեղին, ես կստիպեմ հրաժարվել իր աստծուց։ Բայց դուք առաջինն եք, և ես այդպես չեմ վարվի ձեզ հետ։ Սակայն դուք պետք է հեռանաք և շուտ հեռանաք։

— Ես չեմ կարող պատասխան տալ իմ բոլոր եղբայրների փոխարեն,— պատասխանեց երկրորդ զրուցակիցը, մտածմունքի մեջ ծխամորճը լցնելով։ Հեյ Սթոքհարդի խոսքը երբեմն նույնքան դանդաղ էր, որքան արագաշարժ էին նրա գործողությունները, բայց միայն, երբեմն։

— Բայց ես ճանաչում եմ ձեր ցեղը,— պատասխանեց մյուսը։— Իսկ դուք ու ձեզ նմանները ճանապարհ եք բացում մնացածների համար։ Կգա ժամանակ ու նրանք կտիրեն այս երկրահմասին, բայց այն ժամանակ ես այլևս չեմ լինի։ Լսել եմ՝ նրանք դուրս են եկել Մեծ Գետի ակունքների մոտ, իսկ հեռու՝ ստորին հոսանքներում, ռուսներն են։

Հեյ Սթոքհարդը գլուխն արագորեն բարձրացրեց, դա նորություն էր աշխարհագրության մեջ։ Հուդզոնի ծոցի Ընկերության մարդիկ Ֆորտ Յուքոնում այլ կերպ էին պատկերացնում գետի ճանապարհը, գտնելով, որ այն հոսում է դեպի Հյուսիսային օվկիանոս։

— Ուրեմն Յուքոնը Բերինգյան ծո՞վն է թափվում,— հարցրեց նա։

— Չգիտեմ, բայց այնտեղ, ստորին հոսանքներում, ռուսներ կան, շատ ռուսներ։ Կարող եք գնալ այնտեղ և ինքներդ տեսնել, կարող եք վերադառնալ ձեր եղբայրների մոտ, բայց քանի դեռ շամաններն ու ռազմիկները հնազանդ են ինձ, դուք Կոյուքուկով չեք բարձրանա։ Այդ ասում եմ ես՝ Բատիստս, Շիկահեր մականունով։ Իմ խոսքն օրենք է, որովհետև ես այդ ցեղի առաջնորդն եմ։

— Իսկ եթե ես չգնամ այնտեղ, որտեղ ռուսներն են, ու չվերադառնամ իմ եղբայրների հետ, այդ դեպքում ի՞նչ կլինի։

— Այդ դեպքում դուք կգնաք այնտեղ, որտեղ ձեր աստվածն է ապրում, տմարդի աստվածը, սպիտակ մարդկանց ասղտվածը։

Հյուսիսային հորիզոնի հետևից, ասես արյան կաթիլներ ցողելով, դուրս լողաց բոսորագույն արևը։ Բատիստը վեր կացավ, գլխով արեց ու գնաց իր բնակատեղին։ Գետնի վրա փռվել էին թանձրակարմիր ստվերներ, ինչ֊որ տեղ լուսահավքն էր երգում։

Հեյ Սթոքհարդը վերջացրեց ծխելը, խարույկի ծխի մեջ նրա աչքին երևում էին Կոյուքուկի՝ անծանոթ բևեռային գետի հեռավոր ակունքները, մի գետ, որն այստեղ ավարտում էր իր երկար ճանապարհը՝ ջրերը թափելով Յուքոնի պղտոր հոսանքի մեջ։ Եթե հավատալու լինենք այն մեռնող նավաստուն, որը փրկվել էր նավաբեկումից հետո և ոտքով անցել ամբողջ երկրամասը, եթե ինչ֊որ բան ասում էր ոսկու հատիկներով այն շիշը, որ պահված է իր տոպրակի մեջ, ապա ինչ֊որ տեղ, գետի հոսանքով վերև, հավերժական ձմռան տեղում, թաքնված է Հյուսիսի Գանձարանը։ Բայց դարպասի մոտ, իր ճանապարհը փակելով, կանգնած է պահակը՝ Շիկահեր մականունով Բատիստը, մի մարդ, որը մոռացել է, որ իր երակներում կիսով չափ անգլիական արյուն կա։

— Կհամաձայնվի,— վճռեց Հեյ Սթոքհարդը․ մարմրող ածուխները ցրելով նա վեր կացավ ու ձգվեց, անհոգ նայելով բոցակիզվող հորիզոնին։


II

Հեյ Սթոքհարդը թունդ հայհոյեց։ Նրա կինը գլուխը ճաշամանի վրայից բարձրացրեց և աչքերով հետևելով նրա հայացքին, ուշադիր նայեց գետին։ Տեսլինցի հնդկացուհի լինելով՝ նա, այնուամենայնիվ, շատ լավ գիտեր, թե ինչ են նշանակում այդ միավանկ և արտահայտիչ անգլիական բառերը։ Ամեն մի դեպք՝ սկսած ամենաչնչինից, երբ դահուկների ձգափոկն է պոկվում, և վերջացրած անակնկալ մահացու վտանգով, նա սովորել էր չափել նրանով, թե որքան խլացուցիչ ու գունագեղ էր իր ամուսնու բերանից դուրս թռչող հայհոյանքը։ Ուստի նա այժմ հասկացավ, որ գործը լուրջ է։ Երկար նավակը հոսանքով սահում էր ներքև՝ ուղղություն վերցրած դեպի ճամբարի մոտ գտնվող փոքրիկ գետախորշը։ Թիակների վրա խաղում էին մայր մտնող արեգակի ճառագայթները։ Հեյ Սթոքհարդը սևեռուն նայում էր։ Երեք հոգի ներդաշնակ թիավարում էին համաչափ ետ ու առաջ շարժվելով, բայց Սթոքհարդը տեսնում էր միայն մեկին՝ գլխին կարմիր թաշկինակ փաթաթածին։

— Բի՜լլ,— ձայն տվեց նա։— Հե՜յ, Բիլլ։

Ոտքերը քարշ տալով և օրորվելով՝ վրանից դուրս եկավ բարձրահասակ ու հաղթանդամ մի մարդ։ Նա աչքերը տրորում և հորանջում էր։ Բայց հենց որ նավակը տեսավ, քունն անմիջապես փախավ։

— Ախր սա, երդվում եմ Մաթուսաղայով, այն անիծյալ քահանան է։

Հեյ Սթոքհարդը մռայլորեն գլխով արեց, ուզում էր ձեռքը գցել հրացանին, բայց, ըստ երևույթին, միտքը փոխեց և ուսերը թոթվեց։

— Խփել, տեղնուտեղը գցել և վերջ,— առաջարկեց Բիլլը։— Հակառակ դեպքում՝ նա ամբողջ գործը կփչացնի։

Սթոքհարդը այդ ծայրահեղ միջոցառմանը չհամաձաչնեց․ նա շրջվեց, կնոջը նշան անելով՝ հրամայեց շարունակել աշխատանքը, և ընկերոջը կանչեց ափից։ Մինչ երկու հնդկացիները նավակն էին կապում գետախորշում, աչքի զարնող, անհեթեթ գլխանոցով սպիտակամորթը ափ ելավ։

— Ինչպես և Պողոս առաքյալը, ասում եմ՝ խաղաղություն ձեզ և ողորմածություն աստվածային։

Քահանայի խոսքերն ընդունվեցին մռայլ լռությամբ։

— Ողջույն և քեզ, Հեյ Սթոքհարդ, աստծուն հայհոյող և փղշտացի։ Քո հոգում տենչն է հարստության և քո գիտակցության մեջ սատանայական մտքեր, քո վրանում կին կա, որի հետ շնանում ես դու։ Բայց և այնպես ես՝ Ստերջես Օուենս՝ աստծու պատգամաբերս, այս անապատում կոչ եմ անում քեզ քավել մեղքերդ և մաքրվել ապականությունից։

— Հայր իմ, վառոդը պահեցեք,— ջղագրգռված ընդհատեց Հեյ Սթոքհարդը։— Ձեր բոլոր պաշարները ձեզ պետք կգան և դեռ ավելին։ Այստեղ է Շիկահեր Բատիստը։

Նա ձեռքով արեց հնդկացիների բնակատեղիի կողմը, որտեղ մետիսն էր կանգնած ու սևեռուն նայում էր, փորձելով տեսնել, թե ովքեր էին այդ անծանոթները։ Իր մարդկանց հրամայելով, որ վրան խփեն, Ստերջես Օուենը՝ հավատի լույս կրողն ու աստծու պատգամաբերը, սկսեց իջնել լանջն ի վար։ Սթոքհարդը հետևեց նրան։

— Լսեցեք,— սկսեց նա՝ բռնելով միսիոների ուսը և շրջելով դեպի իրեն։— Դուք վախենո՞ւմ եք ձեր մաշկի համար։

— Իմ կյանքը աստծու ձեռքում է, իսկ ես սոսկ տքնում եմ նրա խաղողի այգիներում,— պատասխանեց սա հանդիսավորությամբ։

― Էէ՜, թողեք։ Նահատակի պսա՞կ եք ուզում ընդունել։

— Եթե այդպես է կամքը աստծու։

— Դե, դա դժվար չէ, մի՛ անհանգստացեք, բայց ես մի խորհուրդ կտամ ձեզ։ Կարող եք կատարել կամ չկատարել։ Սակայն եթե դուք մնաք այստեղ, վաղաժամ վախճանը կընդհատի ձեր տքնությունը։ Եվ կմեռնեք ոչ միայն դուք, այլև ձեր մարդիկ էլ, Բիլլն էլ, իմ կինն էլ...

— Սատանայի դուստրը, որին չի տրված լսելու խոսքը ճշմարտության։

— ․․․Ես էլ։ Դուք փորձանք կբերեք ոչ միայն ձեր գլխին, այլև մեր բոլորի գլխին։ Հիշո՞ւմ եք, անցյալ տարի մենք ձմեռել ենք միասին։ Ես գիտեմ, որ դուք վատ մարդ չեք, բայց․․․ սահմանափակ եք։ Եթե դուք ձեր պարտքն եք համարում հեթանոսներին դարձի բերել, դա ձեր գործն է։ Բայց գոնե մի քիչ խելացի եղեք միջոցների հարցում։ Այդ մարդը՝ Բատիստը, հնդկացի չէ։ Նա մեր ցեղից է, համառ է եզան պես, ես այդպիսին չեմ լինում, և յուրատեսակ մոլի ֆանատիկոս է, ինչպես և դուք։ Եվ եթե դուք երկուսով իրար հանդիպեք, դրժվար է ասել, թե ի՛նչ կլինի։ Ես չեմ ցանկանում խառնվել այդ գործին, հասկանո՞ւմ եք, չեմ ցանկանում։ Այնպես որ լսեցեք իմ խորհուրդը և հեռացեք։ Եթե ցած իջնեք, ապա այնտեղ կհանդիպեք ռուսներին։ Նրանց մեջ, իհարկե, ուղղափառ քահանա կա, և ձեզ անվտանգ կերպով կհասցնեն Բերինգյան ծով (ի միջի այլոց, Յուքոնը թափվում է նրա մեջ), իսկ այնուհետև արդեն դժվար չէ հասնել քաղաքակիրթ աշխարհը։ Լսեցեք ինձ և որքան կարելի է շուտ հեռացեք։

— Ում սրտում աստված կա, իսկ ձեռքին աստվածաշունչ, նրա համար սարսափելի չեն դավերը՝ ո՛չ մարդկային, ո՛չ էլ սատանայական,— վճռականորեն պատասխանեց միսիոները։— Ես պետք է տեսնեմ այդ մարդուն և մենամարտի մեջ մտնեմ նրա հետ։ Մոլորյալ ոչխարին եկեղեցու գիրկը վերադարձնելը ավելի մեծ պատիվ է, քան հազար հեթանոսների դարձի բերելը։ Նրան, ով խրվել է արատների մեջ, ավելի հեշտ է առաքինության ճամփա հանելը։ Հիշեցեք տարսինյան Սավուղին, որը Դամասկոս գնաց, որպեսզի քրիստոնյաներին տանի Երուսաղեմ։ Ճանապարհին նրան հայտնվեց փրկիչը, և նա լսեց մի ձայն, որ ասում էր՝ «Սավո՜ւղ, Սավո՜ւղ, ի՞նչ ես ինձ հալածում»։ Եվ այստեղ Սավուղի, նույնը՝ Պողոսի, միտքը լուսավորվեց, ու նա համակվեց երջանկությամբ և հետո շատ հոգիներ փրկեց։ Այնպես, ինչպես և դու, ով սուրբ Պողոս, ես տքնում եմ մեր տիրոջ խաղողի այգիներում, և հանուն նրա պատրաստ եմ տանելու դառնություն ու փորձություն, ծաղր ու ծանակ, հարված ու պատիժ։ Հե՜յ դուք,— ձայն տվեց նա իր թիավարներին,— ապա մի այստեղ բերեք տոպրակով թեյը և ջրով լցված ամանը։ Չմոռանաք եղջերվամսի այն կտորն ու թավան։

Երբ քահանայի մարդիկ, որոնք վերջերս ճշմարիտ հավատի էին բերվել հենց նրա կողմից, ափ դուրս եկան, ամբողջ եռյակը չոքեց ու, թեև նրանց ձեռքերն ու մեջքերը բեռնավորված էին, փառք տվեց ամենաբարձրյալին՝ երկար ճանապարհին ցույց տրված օգնության և բարեհաջող ժամանման համար։ Հեյ Սթոքհարդը ծաղրալի դժկամությամբ նայում էր նրանց․ աղոթքի հանդիսավորությունն ու խորհրդավորությունն արդեն ոչինչ չէին ասում նրա խստաշունչ սրտին։ Այնտեղ, բնակատեղիում, Շիկահեր մականունով Բատիստը ճանաչեց ծանոթ շարժումները և հիշեց այն կնոջը, որը լեռներում և անտառներում իր հետ անկողին էր կիսել աստղերի տակ, և իր աղջկան, որն այժմ ննջում էր ինչ֊որ տեղ պաղ Հուդզոնի ծոցի ափին։


III

— Գրողը տանի, Բատիստ, այդ մասին չմտածես այլևս։ Մտքիցդ հանիր։ Համաձայն եմ, որ այդ մարդը հիմար է և ոչ ոքի օգուտ չի բերի։ Եվ, այնուամենայնիվ, չեմ կարող, հասկանո՞ւմ ես, չեմ կարող նրա կողմը չանցնել։

Հեյ Սթոքհարդը լռեց՝ աշխատելով բառերով արտահայտել պատվի օրենքների իր պարզ ըմբռնումը։

— Նա ինձ էլ է բավականաչափ ձանձրացրել, Բատիստ, ու քիչ հոգսեր չի պատճառել։ Բայց մի՞թե դու չես հասկանում, որ նա իմ ցեղից է, սպիտակամորթ է․․․ և․․․ Ո՛չ, թեկուզ նա նեգր էլ լիներ, ես չէի կարող նրան զոհաբերել հանուն իմ սեփական մաշկի փրկության։

— Թող այդպես լինի,— պատասխանեց Բատիստը։— Ես քեզ առաջարկել եմ ընտրություն կատարել։ Շուտով ես կգամ իմ շամաններով ու ռազմիկներով և կամ քեզ կսպանեմ, կամ կստիպեմ հրաժարվել քո աստծուց։ Հրաժարվի՛ր, թո՛ղ քահանային և գնա խաղաղությամբ։ Հակառակ դեպքում քո կածանը կընդհատվի այստեղ։ Իմ ժողովուրդը, ընդհուպ մինչև փոքրիկ երեխաները, ձեր դեմ է։ Տես, երեխաներն արդեն քշեցին տարան քո նավակը։

Նա մատնացույց արեց գետը։ Մերկ տղաները լողալով մոտեցան նավակին, կապերն արձակեցին ու քշեցին դեպի հոսանքի մեջտեղը։ Մի հրացանազարկ տարածություն լողալով, նրանք նստեցին կանոեն ու սկսեցին թիավարել դեպի բնակատեղին։

— Տո՛ւր ինձ քահանային, և նավակը ետ կստանաս։ Դե, վճռի՛ր, բայց մի՛ շտապիր։

Սթոքհարդը գլուխն օրորեց։ Նրա հայացքն ընկավ տղային գրկած տեսլինցի կնոջ վրա, ու սիրտը դողաց, բայց նույն պահին նա աչքերը բարձրացրեց իր դիմաց կանգնած մարդու վրա։


— Դա ինձ չի ահաբեկում,— սկսեց Ստերջես Օուենը։— Աստված ողորմած է, ես պատրաստ եմ մեն-մենակ գնալու անօրենի ճամբարը։ Դեռ ուշ չէ։ Հավատը ժայռեր է տեղահան անում։ Գուցե ինձ կհաջողվի նրա հոգին փրկել նույնիսկ իմ վերջին ժամին։

— Հարձակվել սրիկայի վրա ու կապոտել նրան,— կատաղորեն շշնջում էր Բիլլը իր ընկերոջ ականջին, մինչ միսիոները բանավոր մենամարտի էր բռնվել հեթանոսի հետ։— Նրան պատանդ վերցնել ու գնդակահարել, եթե նրանք կռիվ սարքեն։

— Ոչ,— պատասխանեց Սթոքհարդը։— Ես խոսք եմ տվելէ որ նրան ձեռք չեն տա։ Այդպիսին են պատերազմի օրենքները, Բիլլ։ Չէ որ նա արդարացի վարվեց մեզ հետ, նախազգուշացրեց և այլն, և այլն․․․ Ոչ, գրողը տանի, ես չեմ կարող խոսքս դրժել։

― Իսկ նա, հավատացած եղիր, իր ասածը կանի։

— Չեմ կասկածում։ Բայց ես չեմ ուզում, որ ինչ֊որ մի մետիս ավելի ազնիվ լինի, քան ես։ Լսիր, իսկ ինչո՞ւ չանենք այնպես, ինչպես նա է առաջարկում։ Քահանային թողնենք նրան և վերջ ամեն ինչին։

— Ո՜֊ոչ,— փնթփնթաց Բիլլը։

— Ի՞նչ է, սիրտ չե՞ս անում։

Բիլլը կարմրեց և խոսակցությունը դադարեցրեց։

Բատիստը սպասում էր վերջնական որոշմանը։ Սթոքհարդը մոտեցավ նրան։

— Լսիր ինձ, Բապտիստ։ Ես քո բնակատեղին եկա՝ մտադիր լինելով հասնել Կոյուքուկի ակունքներին։ Ես ոչ մի վատ բան չեմ արել։ Իմ սրտում չարություն չի եղել։ Հիմա էլ չկա։ Հետո եկավ այս քահանան։ Ե՛ս չեմ նրան այստեղ բերել։ Այսպես թե այնպես՝ նա գալու էր։ Նա իմ ցեղից է, և ես չեմ կարող նրան մենակ թողնել փորձանքի պահին։ Եվ չե՛մ թողնի։ Դու հասկանում ես, որ մեզ հաղթելը հեշտ չէ։ Քո բնակատեղին կլռի ու կամայանաք ինչպես սովից հետո։ Գիտեմ, որ մենք կմեռնենք, բայց քո ռազմիկներից էլ շատերը․․․

— Բայց կենդանի մնացածները խաղաղ կապրեն, և օտար աստվածների խոսքն ու օտար քահանաների շաղակրատանքը չեն հասնի նրանց ականջին։

Երկուսն էլ ուսները թոթվեցին ու բաժանվեցին։ Բատիստը գնաց իր բնակատեղին։

Միսիոները կանչեց իր հնդկացիներին, և երեքով սկսեցին ջերմեռանդորեն աղոթել։ Սթոքհարդն ու Բիլլը սկսեցին unճիներ կտրել մոտերքում և դրանցից թաքստոց սարքել։ Քնած երեխային պառկեցնելով մորթիների վրա՝ տեսլինուհին ուժերը ներածին չափ օգնում էր տղամարդկանց։ Շուտով ճամբարը երեք կողմից ամրացվեց տապալված ծառերով, իսկ հետևի զառիթափը բացառում էր գետի կողմից հարձակման հնարավորությունը։ Երբ ճամբարում պատրաստություններն ավարտված էին, Սթոքհարդն ու Բիլլը դուրս եկան թաքստոցից և սկսեցին լանջը մաքրել տեղ֊տեղ աճող թփերից։ Բնակատեղիից լսվում էին ռազմական թմբուկների թնդյուններ և ռազմիկներին մարտի կոչող շամանների կանչեր։

— Դժվար կլինի, եթե նրանք վազեվազք կատարելով հարձակվեն,— ասաց Բիլլը, երբ կացիններն ուսած վերադառնում էին ճամբար։

— Եվ կսպասեն մթնելուն, երբ կրակելը դժվար է։

— Դե ինչ արած, առաջինը մենք կսկսենք։

Կացինը գցելով՝ Բիլլը վերցրեց հրացանը և հարմար դիրք գրավեց։ Հնդկացիների մեջ աչքի էր ընկնում բարձրահասակ շամանը։ Բիլլը նշան բռնեց նրան։

— Բոլորը պատրա՞ստ են,— հարցրեց նա։

Սթոքհարդը բացեց փամփուշտի արկղը, կնոջը նստեցրեց այնպես, որ նա թաքստոցում կարողանա հրացանները լցնել, և հրահանգեց։ Բարձրահասակ շամանը գետին տապալվեց։ Մի ակնթարթ ամեն ինչ լռեց, այնուհետև լսվեցին կատաղի գոռոցներ, նետերի տարափ տեղաց լանջի վրա, չհասնելով ճամբարին։

— Կուզեի տեսնել այն երիտասարդին,— ասաց Բիլլը՝ մի նոր փամփուշտ ուղարկելով։— Կարծեմ ես նրա հենց ճակատին տվեցի։

— Ոչ, չի օգնի,— մռայլ գլուխն էր օրորում Սթոքհարդը։

Բատիստին, ըստ երևույթին, հաջողվեց հանգստացնել իր առավել ռազմատենչ ցեղակիցներին, և կրակոցի հետևանքը եղավ ոչ թե ցերեկային գրոհը, այլ հնդկացիների հապշտապ նահանջը բնակատեղիից, կրակի գոտուց դուրս։

Համակված քրիստոնեական ջերմեռանդությամբ, որը ծնունդ էր աստծու վերաբերյալ խոհերի, Ստերջես Օուենը մի պահ ուզեց անհապաղ գնալ անօրենի ճամբարը, պատրաստ լինելով կամ հրաշք տեսնելու, կամ չարչարանքներ ընդունելու։ Բայց մինչ բանակցություններ էին վարվում, նրա կիրքը մարեց, ու նրա մեջ խոսեց բնականը։ Հավիտենական փրկության հույսին փոխարինեց ֆիզիկական վախը մահվան հանդեպ, աստծու նկատմամբ սերը իր տեղը զիջեց կյանքի սիրուն։ Եվ դա ինչ֊որ ապօրինի բան չէր։ Նա վաղուց էր նկատել իր այդ թուլությունը, որը այժմ նորից պատում էր նրան։ Նա հաճախ փորձում էր հաղթահարել ամոթալի զգացումը, որն ամեն անգամ գլուխ էր բարձրացնում։ Մեկ անգամ, վերհիշում էր Ստերջես Օուենը, երբ ուրիշները լարված թիավարում էին, փորձելով ազատվել հոսանքով ներքև սլացող սառույցից, տիեզերական քաոսի այդ վճռական պահին ինքը դեն նետեց թիակն ու սկսեց գթություն աղերսել աստծուց։ Հաճելի վերհուշ չէր։ Ամոթանքի է արժանի այն, որ իր մարմինը գերիշխում էր հոգու վրա։ Բայց որքա՜ն էր ուզում ապրել, որքա՜ն էր ուզում ապրել։ Նա չէր կարող կյանքից հրաժարվել։ Կյանքի նկատմամբ սերն էր, որ իր հեռավոր նախնիներին ստիպել էր իրենց հավերժացնել սերունդների մեջ, կյանքի նկատմամբ սիրո պատճառով ինքը նույնպես հավերժացնելու էր իրեն։ Ստերջես Օուենի արիությունը, եթե ընդհանրապես դա կարելի էր արիություն անվանել, մոլեռանդության ծնունդ էր։ Իսկ Սթոքհարդի կամ Բիլլի արիությունը իր արմատներն ուներ ինչ֊որ կայուն իդեալների մեջ։ Նրանք պակաս չէին սիրում կյանքը, ո՛չ, բայց նրանք ավելի էին հարգում իրենց ցեղի ավանդությունները, մահը նրանց նույնպես վախեցնում էր, բայց նրանք բավականաչափ համարձակ էին կյանքը խայտառակության գնով չառնելու համար։

Միսիոները ոտքի ելավ։ Ինքնազոհողության միտքը համակեց նրան։ Նա նույնիսկ բարձրացավ բարիկադի վրա, որպեսզի գնա հակառակորդի ճամբարը, բայց նույն պահին ցած գլորվեց ինչպես մի խղճուկ անձև զանգված ու ողբաց.

— Թող կատարվի կամքը ամենաբարձրյալի։ Ո՞վ եմ ես, որ ոտնահարեմ նրա պատվիրանները։ Իրերի կարգը ճակատագրերի մատյանում գրանցված է եղել աշխարհիստեղծումից էլ առաջ։ Մի՞թե ինձ՝ չնչին որդիս, վիճակված է թեկուզ մի տող ջնջելու այդ մատյանից։ Աստված իմ, որքա՜ն թույլ է իմ հոգին, և դա կամքն է քո։

Բիլլը կռացավ, ոտքի կանգնեցրեց քահանային և լուռ ցնցեց նրան։ Դա չօգնեց, և Բիլլը, դողացող ու հեծկլտացող մարդկային այդ մսակույտը թողնելով, շրջվեց դեպի երկու հնդկացիները։ Նրանք, ըստ երևույթին, բոլորովին էլ վախեցած չէին և աշխուժորեն պատրաստվում էին առաջիկա գոտեմարտին։

Սթոքհարդը, որ կիսաձայն ինչ֊որ բան էր խոսում տեսլինուհու հետ, նայեց քահանային։

— Ապա մի այստեղ բեր նրան,— հրամայեց նա Բիլլին։

— Ահա թե ինչ,— սկսեց նա, երբ քահանային մոտեցրին իրեն,— պսակեցեք մեզ։— Դե, շտապեց եք։— Այնուհետև, ասես ներողություն խնդրելով, ավելացրեց,— հայտնի չէ, թե այս ամենը ինչով կվերջանա, Բիլլ, այնպես որ ես որոշեցի գործերս կարգի բերել։

Կինը անառարկելիորեն ենթարկվեց իր սպիտակ տիրոջ կամքին։ Արարողությունը ոչ մի իմաստ չուներ նրա համար։ Իր հասկացողությամբ ինքը Հեյ Սթոքհարդի կինն է եղել հենց առաջին օրվանից։ Որպես վկաներ հանդես եկան նոր դարձի եկած հնդկացիները։ Քահանան անընդհատ կմկմում էր, բայց Բիլլը առանց հապաղելու, օգնության էր հասնում նրան։ Սթոքհարդը հարսնացուին հուշում էր, թե ինչ պետք է ասել, և երբ հասավ «թե ուրախության, թե վշտի պահին» բառերին, բութ մատն ու ցուցամատը միացրեց ու երևակայական մատանին դրեց կնոջ մատը։

— Համբուրիր հարսնացուին,— որոտաձայն հրամայեց Բիլլը, և Ստերջես Օուենը ստիպված էր ենթարկվել։

— Իսկ հիմա կնքեցեք երեխային,— պահանջեց Հեյ Սթոքհարդը։

— Տեսեք, որ ամեն բան պատշաճ կարգով լինի,— նկատեց Բիլլը։

— Լրիվ հանդերձանք նոր ճանապարհի համար,— բացատրեց հայրը՝ տղային վերցնելով մոր գրկից։— Գիտես, մի օր գնացի Սահանքները, ամեն ինչ հետս վերցրի, աղից բացի։ Դժվար կացության մեջ ընկա, երբեք չեմ մոռանա։ Այնպես որ ավելի լավ է պատրաստ լինել, եթե արշավ է լինելու։ Մեր մեջ ասած, Բիլլ, չգիտեմ սա պետք կգա՞ այնտեղ, թե ոչ, բայց վատ չի լինի։

Մանկանը ցողեցին բաժակի ջրով և պառկեցրին խաղաղ անկյունում։ Տղամարդիկ, խարույկ վառելով, սկսեցին ընթրիք պատրաստել։

Արևը, դեպի մայրամուտ թեքվելով, գնում էր Հյուսիս։ Այդ կողմում երկինքը վառվում էր արնակարմիր բոցով։ Ստվերները երկարում էին, մթնշաղը թանձրանում, կյանքը մեռնում էր մութ թավուտներում։ Կղզու վայրի բադերն անգամ վերջացրին իրենց կռվարար ճղճղոցը ու ձևացրին, թե պատրաստվում են քնելու։ Եվ միայն բնակատեղիից դուրս հնդիկներն էին, որ չէին խաղաղվում, նրանք մոլեգնորեն թրմբուկ էին զարկում ու ռազմատենչ երգեր երգում։ Բայց ահա արևը մայր մտավ, խաղաղվեցին նաև նրանք։ Կեսգիշերային անդորր տիրեց։ Սթոքհարդը ծնկի իջավ ու դուրս նայեց թաքստոցից։ Երեխան լաց եղավ ու գրավեց նրա ուշադրությունը։ Մայրը մոտեցավ տղային, բայց սա արդեն քնել էր։ Խոր, կարծես հավիտենական լռություն էր իջել։ Նույն պահին ուժեղ կանչեց լուսահավքը։ Գիշերն անցավ։

Դաշտը ողողված էր խլրտացող մարդկային հորձանքով։ Վնգացին աղեղները, երգեցին նետերը։ Ի պատասխան՝ հատու թնդում էին հրացանները։ Ինչ֊որ մեկի վստահ ձեռքով նետված նիզակը տեսլինուհուն տեղում գամեց հենց այն պահին, երբ նա թեքվել էր երեխայի վրա։ Նետը անցնելով բարիկադի ճեղքով՝ խրվեց միսիոների ուսը։

Մի բուռ մարդիկ հարձակումը ետ մղել չէին կարող։ Բարիկադի և գրոհողների միջև ընկած տարածությունը ծածկված էր դիակներով, բայց հնդկացիները աստիճանաբար ավելանում էին, նրանք սրընթաց առաջ էին նետվում, և բարիկադն ասես թե օվկիանոսային վիթխարի ալիքի մեջ ընկավ։ Ստերջես Օուենը փախավ դեպի վրանը, իսկ մնացածներին գետին տապալեց, թաղեց մարդկային հարաճուն հորձանքը։ Եվ միայն Սթոքհարդն էր մնում ոտքի վրա՝ շան ձագերի պես դեսուդեն նետելով ճղճղացող հնդկացիներին։ Նրան նույնիսկ հաջողվեց կացինը ձեռքն առնել։ Ինչ֊որ մեկը բռնեց երեխայի ոտքից, նրան դուրս քաշեց մոր տակից և թափ առնելով խփեց գերաններին։ Սթոքհարդը կացնով ցրեց հնդկացու գանգը և սկսեց ճանապարհ հարթել իր համար։ Նա շրջապատված էր կատաղած ամբոխով, որը նիզակների ու նետերի կարկուտ էր թափում նրա գլխին։ Հորիզոնից դուրս լողաց արևը, և ալ ճառագայթների մեջ չարագուշակ օրորվեցին հնդկացիների կերպարանքները։ Նրանք երկու անգամ ընկան Սթոքհարդի վրա, երբ նա ուժեղ հարվածից հետո չհասցրեց դուրս քաշել կացինը, և երկու անգամ էլ նա թափ տվեց նրանց իր վրայից․ հնդկացիներն ընկնում էին, ու նա քայլում էր նրանց մարմինների վրայով, և նրա ոտքերը սայթաքում էին արյան լճակների մեջ։ Վերջապես հնդկացիներն ահաբեկված նահանջեցին, և Սթոքհարդը շունչ առնելու համար հենվեց կացնին։

— Երդվում եմ, դու իսկակա՜ն տղամարդ ես,— բացականչեց մոտեցած Բատիստը։— Հրաժարվիր քո աստծուց և կենդանի կմնաս։

Հոգնածությունից թուլացած ձայնով, բայց լիակատար արժանապատվությամբ Սթոքհարդը անեծքներով արտահայտեց իր վճռական մերժումը։

— Ապա մի այս կնկա՜ն նայեցեք,— ասաց մետիսը, երբ նրա մոտ բերեցին Ստերջես Օուենին։

Ուսի քերծվածքները չհաշված՝ քահանան անվնաս էր, բայց նրա աչքերը դեսուդեն էին փախչում վախից։ Նրա խամրած հայացքն ընկավ աստծուն հայհոյող Սթոքհարդի վեհաշուք կերվածքին։ Չնայած բազմաթիվ վերքերին՝ սա ամուր կանգնած էր ոտքի վրա, հանդգնաբար հենված կացնին՝ հանգիստ, անհնազանդ, անհասանելի։ Եվ այդ պահին միսիոներն անսահմանորեն նախանձեց այդ մարդուն, որը կարող էր այդքան անխռով կերպով գնալ դեպի մահվան խավար դարպասները։ Այո, այդ մարդը, և ոչ թե ինքը՝ Ստերջես Օուենն է կերտված Քրիստոսի նմանությամբ։ Եվ քահանան աղոտ կերպով զգաց նախնիների անեծքը, այն սովորական թուլությունը, որն իրեն բաժին էր ընկել անցյալից, և դառը վիրավորանք զգաց այն ստեղծարար ուժի նկատմամբ (ինչպես որ պատկերացնում էր ինքը), որը իրեն, իր ծառային այդքան անզոր էր ստեղծել։ Այդ վիշտն ու հանգամանքները առավել ուժեղ կամքի տեր մարդուն անգամ կստիպեին ուրացող դառնալ. Ստերջես Օուենի համար դա անխուսափելի էր։ Մարդկային կատաղության հանդեպ վախի մեջ նա կարհամարհի զայրույթն աստվածային։ Նրան սովորեցրել են ծառայել ամենաբարձրյալին, բայց մենակ են թողել ճակատագրական պահին։ Նրան տվել են հավատ, բայց առանց համոզմունքի, նրան ավել են ոգի, բայց առանց կամքի։ Դա անարդարացի էր։

— Իսկ որտե՞ղ է հիմա քո աստվածը,— հարցրեց մետիսը։

― Չգիտեմ,— Ստերջես Օուենը կանգնած էր ուղիղ, անշարժ, ինչպես աշակերտը կրոնի դասին։

— Ուրեմն դու աստված չունե՞ս։

— Ես աստված ունեի։

— Իսկ հիմա՞։

— Ո՛չ,

Սթոքհարդը սրբեց ճակատի արյունն ու ծիծաղեց։ Միսիոները ասես երազի մեջ զարմացած նայեց նրան։ Եվ նրան թվաց, թե ինքը հեռանում է, թե իր և այդ մարդու միջև փռվել է անսահմանությունը։ Եվ այն բանին, ինչ կատարվեց, ինչ պետք է անխուսափելիորեն կատարվեր, ինքն արդեն չէր մասնակցում։ Նա դարձել էր հանդիսատես, որը հեռվից, այո, այո, հեռվից հետևում էր իրադարձություններին։

Նա կարծես մշուշի միջից լսեց Բատիստի խոսքերը․

— Լավ։ Բաց թողեք այդ մարդուն, և որպեսզի ոչ մի մազ չպակասի նրա գլխից, թող գնա խաղաղությամբ։ Նավակ և ուտելիք տվեք նրան։ Թող գնա այնտեղ, որտեղ ռուսներն են, և նրանց քահանաներին պատմի Շիկահեր մականունով Բատիստի մասին, որի երկրում աստված չկա։

Միսիոներին տարան ափ․ նա այնտեղ մի փոքր հապաղեց, որպեսզի տեսնի ողբերգության հանգուցալուծումը։ Մետիսը շրջվեց դեպի Հեյ Սթոքհարդը։

— Աստված չկա,— ասաց նա։

Սթոքհարդը որպես պատասխան ծիծաղեց։ Երիտասարդ ռազմիկներից մեկը նիզակը բարձրացրեց։

— Ուրեմն դու աստված ունե՞ս։

— Այո՛։ Իմ նախնիների աստվածը։

Նա ավելի հարմար բռնեց կացինը, բայց այդ պահին Բատիստը նշան արեց, և նիզակը խրվեց գերյալի կուրծքը։ Միսիոները տեսավ, թե ինչպես ոսկրե ծայրակալն անցավ մարմնի միջով, ինչպես Սթոքհարդը, դեռևս ծիծաղելով, օրորվեց ու փլվեց գետնին, ինչպես կոտրվեց նիզակի կոթը։ Հետո Ստերջես Օուենը թռավ նավակի մեջ ու թիավարեց հոսանքով ներքև, որպեսզի ռուսներին պատմի Շիկահեր մականունով Բատիստի մասին, որի երկրում աստված չկա։