Շան հեքիաթը

Գրապահարան-ից
Շան հեքիաթը

հեղինակ՝ Կարել Չապեկ
թարգմանիչ՝ Խաչիկ Հրաչյան ռուսերենից
աղբյուր՝ Կարել Չապեկ


Այն օրերին, երբ ծեր ջրաղացպան պապիս սայլակը հաց էր տանում գյուղերը, իսկ դեպի ջրաղաց վերադառնալիս՝ ընտիր ցորեն բերում, համարյա ամեն մեկը ճանաչում էր Օրեշոկին։ «Ո՜նց չէ, Օրեշոկը, ― կասեր ձեզ յուրաքանչյուրը։ ― Ախր դա այն շնիկն է, որը բազմում է սայլի նստիքին, ծեր Շուլիտկայի մոտ, ու էնպես է մտիկ տալիս չորս կողմ, կասես թե ձիերին ինքն է կառավարում»։ Իսկ որ ճամփեն ձգվում է սարն ի վեր, ո՜նց է հաչոցը քոքում։ Եվ իսկույն անիվներն սկսում են ավելի արագ դառնալ, Շուլիտկան շրխկացնում է մտրակը, Ֆերդան ու Ժանկան ― պապի զույգ ձիերը ― լարվում են, և սայլակն ուրախ վազքով մտնում է գյուղ, չորս կողմ տարածելով հանապազօրյա հացի սքանչելի բուրմունքը։

Հապա՜, երեխաներ, ահա թե մի ժամանակ ինչպես էր շրջանով մեկ պտտվում հանգուցյալ Օրեշոկը։

Այո՜֊ս․․․ Այն օրերին դեռևս խենթ ու խելառ ավտոմոբիլները չկային․ մարդիկ շրջում էին կամացուկ, թեթևությամբ և, ինչպես ասում են, սրտանց, հավեսով, տեղը տեղին։ Ոչ մի վարորդ չի կարող այնպես հիանալիորեն մտրակը շրխկացնել, ինչպես անում էր հանգուցյալ Շուլիտկան, ― աստված նրա հոգին լուսավորի, ― կամ թե լեզուն այնպես չպպացնել ձիերի վրա, ինչպես նա։ Եվ վարորդներից ոչ մեկի կողքին չի նստում խելացի Օրեշոկը, չի կառավարում ձիերին, չի հաչում, սարսափ չի տարածում չորս կողմ։ Ինչ որ չկա՝ չկա։

Ի՞նչ բան է ավտոմոբիլ ասածդ։ Մեկ էլ տեսար կողքովդ սլացավ ու բենզինի գարշահոտություն արձակեց, իսկ հետո շվացրու, փնտրիր նրան, որ գտնես, իսկ նա չկա արդեն, կորել է փոշու ետևում։ Դե, իսկ Օրեշոկն ուրիշ տեսակ էր գնում։

Դեռ կես ժամ առաջ մարդիկ սկսում էին ականջ դնել, հոտ էին քաշում ու ասում․ «Ըհը՜»։

Նրանք արդեն գիտեին, որ հացն է մոտենում, և դուրս էին գալիս դռների առաջ, որպեսզի ողջունեն նրանց։ Եվ ճիշտ որ՝ պապիկի սայլակն անցնում էր գյուղի միջով։ Շուլիտկան շրթունքներն էր չպպացնում, Օրեշոկը հաչում էր նստիքին, ու մեկ էլ հոպ՝ ուղղակի Ժանկայի գավակին (համա՜ թե գավակ էր, տեր աստված, սեղանի պես լայն, չորս հոգի կարող էին ճաշել), սկսում էր պարել նրա մեջքին, վազ տալ պոչից դեպի անուր, անուրից դեպի պոչ, և քիչ էր մնում ուրախությունից կոկորդը պատռեր։

«Հա՜ֆ, հա՛ֆ։ Ուռա՜, տղերք։ Ահա և մենք եկանք՝ ես, Ժանկան ու Ֆերդան, ուռա՜»։

Իսկ տղաները աչքերն էին պլստացնում․ ախր հացն ամեն օր է գալիս, բայց միշտ էլ այնպիսի աղմուկ֊աղաղակ է լինում, կասես ինքը թագավորն է շնորհ բերել։

Այո, ինչպես ասացի, վաղուց արդեն այնպես հիմնավոր կերպով չեն գալիս, ինչպես գալիս էին Օրեշոկի ժամանակներում։

Հապա հաչե՜լը․․․ Օրեշոկն այնպես էր հաչում, կարծես մեկը պիստոլետ էր կրակում։ «Հա՛ֆ» ― աջ կողմը, և բոլոր սագերն սկսում էին վախեցած փախչել, վազում, վազում են և միայն Պոլիցեի հրապարակում են կանգ առնում ու զարմանում՝ այդ ո՞նց ընկան այդտեղ։ «Հա՛ֆ» ― ձախ կողմը։ Ամբողջ գյուղի աղավնիները թռչում են, պտտվում օդի մեջ և նորից ցած իջնում միայն Ժալտման սարի վրա կամ էլ, թերևս, պրուսական սահմանի այն կողմը։ Ահա թե ինչպես էր հաչում Օրեշոկը, այդ փոքրիկ քոթոթը։ Հապա պոչը ո՜նց էր շարժում ուրախությունից, երբ այդքան աղմուկ էր բարձրացնում․․․ Ինչպե՞ս է, որ այդ պոչն ինքը չէր թռչում, զարմանք բան է․․․ Դե, ինչ խոսք, պարծենալու բան կար, այդպիսի ձայն ոչ գեներալն ուներ, ոչ էլ, միգուցե, հենց ինքը՝ պատգամավորը։

Մինչդեռ կար ժամանակ, երբ Օրեշոկն ընդհանրապես հաչել չգիտեր, չնայած արդեն մեծ շուն էր համարվում և այնպիսի ատամներ ուներ, որ ամբողջովին պատառոտել էր պապիկի կիրակնորյա սապոգները․․․ Այստեղ անհրաժեշտ է ձեզ պատմել, թե պապիկը ոնց գտավ Օրեշոկին, կամ, ավելի ճիշտ, Օրեշոկը ինքը ոնց եկավ պապիկի մոտ։

Մի անգամ պապիկը ուշ ժամին տուն էր դառնում գինետնից և ուրախանալու, կամ միգուցե սատանաներին փախցնելու համար, ճամփին երգում էր։ Բայց չորս կողմ այնպես մութն էր, որ նա այդ մթության մեջ կորցրեց երգի եղանակը և ստիպված կանգ առավ՝ կորածը գտնելու։ Կանգնել, փնտրում է, սակայն ոչ մի կերպ չի կարողանում գտնել, ու մեկ էլ հենց իր ոտքերի տակ լսում է ինչ֊որ ծվծվոց, կնձմնձոց, նվնվոց։ Երեսը խաչակնքեց և սկսեց գետինը ափլփել, տեսնելու, թե այդ ինչ է։ Նայում է՝ ինչ֊որ բրդոտ, տաք կծիկ։ Հենց ճիշտ տեղավորվեց պապի բռի մեջ, ու այնպես էլ փափուկ էր, ոնց որ թավիշ։ Նոր էր պապն այդ կծիկը ձեռքն առել, որ սա թողեց նվնվոցը և սկսեց պապիկի մատը կծել, ասես թե մատը մեղրոտ էր։

«Պիտի մտիկ անել, թե էս ինչ բան է», ― մտածեց պապը և այդ «բանը» իր հետ ջրաղաց տարավ։

Խեղճ տատիկը չէր քնել, որպեսզի ինչպես հարկն է պապին բարի գիշեր մաղթի բայց, նախքան նա բերանը կբանար, խորամանկ պապիկը վրա տվեց։

― Հլա տես, Ելենա, ի՜նչ եմ բերել քեզ համար․․․

Տատիկը լույս արավ․․․ Տե՜ր իմ աստված, ախր դա քոթոթ է։ Բոլորովին պստլիկ, կույր և ոտից գլուխ դեղին, ոնց որ կճեպահան ընկույզ։

― Տե՜ս հլա, ― զարմացավ պապը։ ― Էդ որտեղի՞ց լույս ընկար, այ շան լակոտ։

Շան լակոտը, պարզ է, ոչինչ չպատասխանեց․ նա դողում էր տերևի պես և խղճալիորեն ծվծվում։ Նրա մկնային պոչիկը շարունակ վեր֊վեր էր թռչում, ու մեկ էլ, ա՛խ, անպիտան, ― սեղանի վրա, նրա տակ, ջրափոսիկ գոյացավ և սկսեց մեծանալ ու մեծանալ․․․

― Կարե՛լ, Կարե՛լ, ― հանդիմանությամբ գլուխն օրորեց տատիկը, ― ո՞ւր է քո գլուխը։ Ախր սա առանց մոր կսատկի։

Պապիկը խիստ վախեցավ։

― Դե շուտ, Ելենա, ― ասաց նա, ― կաթ տաքացրու ու հաց բեր։

Տատիկն ամեն ինչ բերեց։ Պապը հացի կտորը թաթախեց կաթի մեջ, փաթաթեց շորի ծայրով, և ստացվեց հիանալի ծծակ։ Շուտով քոթոթն այնքան ծծեց, որ փորը դարձավ թմբուկ։

― Կարել, Կարել, ― նորից գլուխն օրորեց տատիկը, ― ո՞ւր է քո գլուխը։ Էս քոթոթն որտե՞ղ պիտի պահես։ Ախր կսառչի։

Բայց ախր դա պապիկն էր, նրա հետ մի՞թե կարելի էր վիճել․․․ Նա վերցրեց քոթոթին և ուղիղ ախոռ։ Ա՛խ, տե՜ր աստված, ինչքան տաք էր այնտեղ՝ Ֆերդան ու Ժանկան մի լավ ջերմացրել էին իրենց շնչով։

Երկու ձին էլ արդեն քնել էին, բայց երբ տերը ներս մտավ, բարձրացրին գլուխները և խելոք, բարի աչքերով նայեցին նրան։

― Ժանկա, Ֆերդա, ― ասաց պապիկը, ― տեսեք, հա, Օրեշոկին չնեղացնեք, հասկացա՞ք։ Սրան հանձնում եմ ձեր խնամքին։

Այդ խոսքերով նա փոքրիկ Օրեշկային դրեց նրանց առաջ, խոտի վրա։ Ժանկան հոտոտեց այդ զվարճալի արարածին և շատ լավ զգաց տիրոջ ձեռքերի հոտը։ Նա շշնջաց Ֆերդային։

«Մերոնցից է»։

Դրանով էլ հարցը լուծվեց։

Եվ այդպես, Օրեշոկը մեծացավ ախոռում։ Սկզբում նրան կերակրում էին պապի սարքած ծծակով, իսկ շուտով նրա աչքերը բացվեցին և նա սկսեց ինքը լակել ամանից։ Ախոռում տաք էր, ոնց որ մայրիկի փորի տակ։ Այդպես ահա նա մեծացավ, դարձավ մի փոքրիկ բակապահ շնիկ՝ հիմարավուն դնչիկով։ Պստլիկ շնիկ էր, որ կար․ դեռ չգիտեր, թե ինչպես նստի, ու նստում էր ուղղակի գլխի վրա, հետո էլ զարմանում, որ շատ կոշտ է։ Չգիտեր, թե պոչն ինչ անի․ կարողանում էր հաշվել մինչև երկուսը, իսկ ոտքերը չորսն էին, դրա համար էլ շարունակ խառնվում էին իրար․ չարչարվում էր, չարչարվում, ի վերջո զարմանքից շրմփում էր ցած ու դուրս գցում լեզուն՝ ամբողջովին վարդագույն, ոնց որ խոզապուխտի մի կտոր։ Դե, ախր բոլոր քոթոթներն էլ այդպես են, մի խոսքով՝ իսկական երեխաներ։

Ֆերդան և Ժանկան կարող էին էլի ուրիշ բաներ էլ պատմել ձեզ․ օրինակ, թե ինչպիսի տանջանք է պառաված ձիու համար, երբ նա շարունակ պիտի նայի, որ հանկարծ այդ հիմար լակոտին ոտքի տակ չտա։ Ինքներդ էլ գիտեք, սիրելիներս, սմբակները հողաթափեր չեն, և հարկավոր է դրանք գետնին դնել կամացուկ, զգուշությամբ, թե չէ տեսար մեկը հատակին ծվծվոց, բղավոց ու ճղավոց բարձրացրեց։ ― «Այո, երեխաներն ուղղակի պատիժ են», ― կասեին Ֆերդան ու Ժանկան։

Եվ ահա Օրեշոկը մեծացավ, դարձավ իսկական շուն, ուրախ ու մեծատամ, ամեն ինչով էլ ոչ վատ մյուս շներից, բայց մի բան լավ չէր․ ոչ ոք չէր լսել, որ նա հաչեր կամ գռմռար։

Վնգստալը վնգստում էր, կնձմնձում, բայց դա չէր կարելի հաչոց համարել։

Ու մի անգամ էլ տատիկն ասաց ինքն իրեն․ «Էս ինչի՞ Օրեշոկը չի հաչում»։

Մտքի մեջ ընկավ նա, երեք օր ման էր գալիս գլուխը կորցրած, իսկ չորրորդ օրը ասաց պապին․

― Է՛ս ինչի՞ մեր Օրեշոկը չի հաչում։

Այստեղ պապիկն էլ մտքի մեջ ընկավ․ երեք օր նա ման էր գալիս, շարունակ գլուխն օրորում, իսկ չորրորդ օրը հարցրեց կառապան Շուլիտկային․

― Իսկապես, էս ինչի՞ մեր Օրեշոկը չի հաչում։

Շուլիտկան հարցին վերաբերվեց լրջությամբ։ Նա գնաց պանդոկ և երեք օր ու գիշեր շարունակ միտք արեց այնտեղ․ չորրորդ օրը քնել ուզեց, մի գլուխ տանձ էր կշռում։ Կանչեց նա պանդոկապանին ու գրպանից մի բուռ մանր դրամներ հանեց, որպեսզի վճարի։ Սկսեց փողերը հաշվել՝ հաշվեց, հաշվեց, բայց երևի սատանան խանգարում էր, ոչ մի կերպ չկարողացավ վերջացնել։

― Դե, Շուլիտկա, ― ասաց պանդոկապանը, ― ինչպես երևում է, մայրիկդ հաշվել չի սովորեցրել։

Այստեղ Շուլիտկան հաշիվը մոռացավ, խփեց ճակատին ու վազեց տուն, պապի մոտ։

― Տեր իմ, ― բղավեց նա դռների միջից, ― հաշիվը պարզ է։ Օրեշոկը չի հաչում, քանի որ իր մայրիկը չի սովորեցրել։

― Այ քեզ բա՜ն, ― ասաց պապիկը։ Ախր ճիշտ որ Օրեշոկն իր մայրիկին չի էլ ճանաչում, Ֆերդան ու Ժանկան հո նրան չէին կարող սովորեցնել, հարևաներն էլ շներ չունեն, դրա համար էլ Օրեշոկը չի իմանում, թե ինչ բան է հաչալ ասածը։ Գիտե՞ս ինչ, Շուլիտկա, ― ասաց պապը, ― ստիպված դու պիտի Օրեշոկին հաչալ սովորեցնես։

Շուլիտկան գնաց ախոռ, Օրեշոկի մոտ, և սկսեց նրան հաչալ սովորեցնել։

«Հա՛ֆ֊հա՛ֆ, ― բացատրում էր նա նրան։ ― Տես, թե ոնց պիտի ասել։ Առաջուց էսպես արա․ «Ռռռռ, ռռռ, հա՛ֆ, հա՛ֆ, հա՛ֆ»։

Օրեշոկն ականջները սրեց՝ այդ երաժշտությունը, չգիտես ինչու, դուր էր գալիս նրան։ Եվ մեկ էլ ուրախությունից որ չսկսեց հաչել․․․

Ճիշտ է, այդ հաչոցը մի փոքր տարօրինակ էր, ծղրտուն, ասես դանակով խփում էին ափսեին, բայց դժվարը սկիզբն էր, չէ՞ որ դուք էլ սկզբում այբուբենը չգիտեիք։

Ֆերդան ու Ժանկան լսեցին, լսեցին, թե ոնց էր ծեր Շուլիտկան հաչում, ու վերջապես շուռ եկան։ Նրա նկատմամբ նրանք ամեն տեսակ հարգանք կորցրին։ Բայց Օրեշոկը հաչոցի խնդրում հսկայական տաղանդ ցուցաբերեց․ ուսուցումն ընթանում էր արագ։ Եվ երբ նա առաջին անգամ սայլակ նստեց, ամեն ինչ շատ լավ ստացվեց․ «հա՛ֆ» դեպի ձախ, «հա՛ֆ» ― դեպի աջ։

Այդ օրվանից մինչև մահ հաչոցը չձանձրացրեց Օրեշոկին, ու նա աստծու ողջ օրը հաչում էր ու հաչում․ ըստ երևույթին, ուրախ էր, որ սովորեց։

Բայց Շուլիտկայի հետ սայլով գնալն ու ձիերին կառավարելը Օրեշկոյի միակ հոգսը չէր։ Նա ամեն երեկո վազվզում էր ջրաղացի շուրջը և բակով մեկ, տեսնելու համար, թե արդյոք ամեն բան իր տեղո՞ւմ է․ հաչում էր հավերի վրա, որպեսզի նրանք շարունակ չկչկչային, ինչպես կնանիք շուկայում, իսկ հետո մոտենում էր պապիկին, կանգնում նրա առաջ, պոչը խաղացնում և այնպես խելացի էր նայում նրան, ասես ուզում էր ասել․

«Դե, գնա քնիր, Կարել, ես ամեն ինչին աչք կածեմ»։

Այդ ժամանակ պապը փաղաքշում էր նրան ու գնում քնելու։

Ցերեկը պապիկը հաճախ մեկնում էր գյուղերը, գյուղացիներից ցորեն ու էլի ուրիշ բաներ գնելու, ― ասենք, առվույտ, սերմեր, ոսպ կամ խաշխաշ, ― Օրեշոկն անպայման վազում էր նրա ետևից, իսկ երբ պատահում էր գիշերով տուն վերադառնալ, նա ոչ մի բանից չէր վախենում և տիրոջը միշտ էլ դուրս էր բերում ճանապարհ, եթե պապի ոտքերն ուրիշ տեղ էին տանում։

Այդպես, պապը մի անգամ ինչ֊որ տեղից սերմեր գնեց։ Ախր, ճիշտ որ, դա հենց այստեղ էր, Զլիչկայում։ Պապը մի րոպեով ներս ընկավ պանդոկ։ Օրեշոկը քիչ սպասեց պանդոկի առաջ, և այստեղ ինչ֊որ խիստ համեղ բանի հոտ դիպավ նրա քթին։ Դե, այնպիսի սքանչելի բուրմունք էր գալիս խոհանոցից, որ չէր կարելի մի րոպեով ներս չմտնել։ Ա՛խ, տեր իմ աստված, այնտեղ երշիկ էին ուտում։

Օրեշոկը նստեց սեղանի տակ ու սկսեց սպասել, թե երբ մի համեղ պատառ էլ իրեն կհասնի։ Ու մինչդեռ նա կսպասեր, պապիկի հարևանի սայլը կանգ առավ պանդոկի առաջ․․․ Անունը ո՞նց էր․․․ Դե, ասենք Եուդալ։ Եուդալը պապիկին տեսավ պանդոկում թե չէ, իսկույն խոսքի բռնվեց, և քիչ հետո հարևաններն արդեն գրկախառնվում էին։ Նրանք որոշեցին միասին տուն վերադառնալ։ Սայլը տեղից շարժվեց, իսկ պապը Օրեշոկին բոլորովին մոռացել էր։ Մինչդեռ Օրեշոկը շարունակում էր ետևի թաթերին նստած մնալ երշիկի առաջ։

Երբ մարդիկ կերան վերջացրին, երշիկի մնացորդները նետեցին վառարանի վրա նստած կատվին։ Օրեշոկը թուքը կուլ տվեց և սոված փորով դուրս եկավ պանդոկից։ Եվ միայն այժմ նա հիշեց պապիկին։ Փնտրեց նրան, ամբողջ պանդոկը հոտոտեց, բայց ոչ մի տեղ պապիկը չկար։

― Օրեշոկ, ― ասաց պանդոկապանը, ― քո տերը հրեն էնտեղ է։ ― Ու ձեռքով ցույց տվեց տան կողմը։

Օրեշոկն ուշքի եկավ ու մենակ բռնեց տան ճանապարհը։ Սկզբում նա վազում էր մեծ ճանապարհով, իսկ հետո ասաց ինքն իրեն․ «Այ թե հիմարն եմ ես։ Անտառապատ բլրակով, ուղիղ ավելի շուտ կհասնեմ»։

Եվ սկսեց վազել անտառուվ ու դաշտերով։

Արդեն երեկո էր, մութն առաջանում էր դեպի գիշեր, բայց Օրեշոկը բոլորովին չէր վախենում։ «Ինձ մոտ գողանալու բան չկա», ― մտածում էր նա։ Մի բանն էր միայն վատ՝ նա շան պես քաղցած էր։

Վրա հասավ գիշերը։ Լուսինը լրումն էր․ ծառերը ետ գնացին, և Օրեշոկը դուրս եկավ բացատ։ Ծառերի վերևում երևաց լուսինը։ Չորս կողմն այնպես գեղեցիկ էր, այնպես հրաշալի, որ Օրեշոկի սիրտը հիացմունքից բաբախեց։ Անտառը խշշում էր կամացուկ, ասես մեկը տավիղ էր նվագում։

Սկզբում Օրեշոկը վազում էր անտառով, ոնց որ մութ֊մութ միջանցքով, իսկ հետո հանկարծ առջևում արծաթաշող մի լույս փայլեց․ տավիղներ ասես ավելի բարձր հնչեցին, և Օրեշոկի մազերը բիզ֊բիզ կանգնեցին․ նա պառկեց խոտերին ու սկսեց դիտել․․․

Նրա առջևում փռվել էր արծաթափայլ մի բացատ, որտեղ պարում էին հավերժահարսերը։ Դրանք սիրուն շներ էին, միայն բոլորովին ճեփ֊ճերմակ, ասես թափանցիկ և այնքան թեթև, որ նույնիսկ խոտերի վրայի ցողը ցած չէր թափվում։ Դե, մի խոսքով, դրանք շների հավերժահարսերն էին, Օրեշոկն իսկույն հասկացավ այդ, որովհետև նրանք չունեին այն հոտը, որով ամեն մի շուն ճանաչում է իսկական շներին։

Օրեշոկը պառկել էր թաց խոտերի վրա և աչք դառած նայում էր նրանց։ Հավերժահարսերը մերթ պարում էին, մերթ վազվզում իրար ետևից, մերթ կռվում, մերթ պտտվում իրենց պոչերի շուրջը, բայց այդ բոլորն այնպիսի թեթևությամբ, այնպես օդային, որ նույնիսկ ցողունը չէր ճկվում նրանց ոտքերի տակ։ Օրեշոկը, շարունակ հետևում էր, թե արդյոք նրանցից մեկնումեկը չի՞ սկսի քորել իրեն կամ լու որսալ՝ պարզ նշան, որ դա հավերժահարս չի, այլ պարզապես սպիտակ շուն։ Բայց նրանցից և ոչ մեկը չէր քորվում, ոչ մեկը լու չէր որսում․ ուրեմն, ճիշտ է, դրանք հավերժահարսեր են։

Երբ լուսինը բոլորովին դուրս եկավ, հավերժահարսերը բարձրացրին գլուխները և սկսեցին ոռնալ ― այսինքն՝ երգել ― զարմանալիորեն գեղեցիկ մի երգ․ նույնիսկ ամենամեծ թատրոնի նվագախումբը այդպես նվագել չէր կարող, ո՜ւր․․․ Օրեշոկը քիչ էր մնում հուզմունքից լար և, հավանորեն, կերգեր նրանց հետ, եթե չվախենար ամեն ինչ փչացնելուց։

Ահա նրանք երգեցին վերջացրին, ապա պառկեցին ինչ֊որ ծանրակշիռ, պառավ շան շուրջը։ Երևի դա որևէ զորավոր վիլա էր կամ կախարդուհի, ամբողջովին ճերմակած ու զառա՜մ֊զառամ։

― Մի բան պատմիր մեզ, ― խնդրեցին հավերժահարսերը։

― Պատմեմ ձեզ, թե ինչպես շունը ստեղծեց մարդուն․․․ Այդ այն ժամանակներում էր, երբ գազաններն ապրում էին դրախտում, այնտեղ մեռնում էին, այնտեղ էլ ծնվում, և բոլորը երջանիկ էին ու գոհ, միայն շներն սկսեցին գնալով ավելի ու ավելի թախծոտ դառնալ։ Եվ այն ժամանակ տեր աստված հարցրեց շներին․

«Ինչո՞ւ եք տխուր, մինչդեռ մնացած բոլոր գազաններն ուրախանում են»։

Եվ ամենածեր շունն ասաց․

«Նրա համար ենք տխուր, տեր իմ, քանի որ աշխարհում մենք ամեն ինչի հոտն առնում ենք, բացի քո հոտից, իսկ դա մեզ՝ շներիս համար խիստ վիրավորական է։ Կատարիր մեր խնդիրը՝ ստեղծիր մեզ համար որևէ աստված, որի հոտը կարողանանք առնել»։

Աստված քմծիծաղեց ու ասաց․

«Բերեք ոսկոր, և ես ձեզ համար կստեղծեմ մի աստվածություն, որի հոտը կառնեք»։

Շները ցրվեցին տարբեր կողմեր, ու ամեն մեկը որևէ ոսկոր բերեց․ մեկը՝ առյուծի, մյուսը՝ ձիու, երրորդը՝ ուղտի, մի խոսքով՝ բոլոր գազանների։ Միայն ոչ մի շան ոսկոր չբերեցին․ չէ՞ որ շունը մոտ չի գնա ուրիշ շան ոչ մսին, ոչ էլ ոսկորին։

Հավաքվեց ոսկորների մի մեծ կույտ, և աստված այդ ոսկորներից ստեղծեց մարդուն, որպեսզի շներն էլ ունենան իրենց աստվածությունը, որի հոտը կարողանան առնել։ Եվ որովհետև մարդն ստեղծվել է բոլոր գազանների ոսկորներից, բացի շան ոսկորից, դրա համար էլ նա ունի նրանց հատկությունները՝ առյուծի ուժ, ուղտի աշխատասիրություն, կատվի խորամանկություն, և միայն շան հավատարմություն չունի, այո։

― Մի բան էլ պատմիր, ― նորից խնդրեցին շան հավերժահարսերը։

― Լավ, ահա թե ինչ պիտի պատմեմ ձեզ, ― սկսեց պառավ վիլան։ ― Վաղ ժամանակներում շները երկրի վրա ունեին իրենց թագավորությունը և շնային հսկայական պալատը։ Բայց մարդիկ նախանձեցին, որ շները երկրի վրա ունեն իրենց թագավորությունը, և սկսեցին կախարդել այնքան, մինչև որ շների թագավորությունը, պալատի հետ միասին, գետնի տակ անցավ։ Բայց նա, ով նվիրական տեղում կսկսի հողը փորփրել, կհասնի այն քարանձավին, որտեղ պահված է շնային գանձը։

― Ի՞նչ շնային գանձ, ― շունչները պահած հարցրին հավերժահարսերը։

― Դե, ― ասաց պառավ վիլան, ― դա չտեսնված գեղեցկության մի դահլիճ է։ Այնտեղ սյուները ամենալավ ոսկորներից են, բայց ոչ թե կրծված, ո՛չ մի դեպքում։ Նրանց վրայի միսը՝ սագի տոտիկը ձեզ օրինակ։ Հետո, այնտեղ դրված է երշիկի մի գահ, իսկ դեպի գահը տանող աստիճանները ամենամաքուր ճարպից են։ Իսկ այդ աստիճաններին փռված գորգը աղիքներից է գործված, իսկ աղիքների վրա՝ մատի հաստությամբ լերդութոք։

Այստեղ արդեն Օրեշոկը չկարողացավ դիմանալ։ Նա դուրս թռավ բացատ ու հաչեց․

― Հա՛ֆ, հա՛ֆ, որտե՞ղ է շնային գանձը։ Հա՛ֆ, հա՛ֆ, ո՞նց գտնել այդ շնային գանձը։

Նույն րոպեին բոլոր հավերժահարսերը և շնային պառավ վիլան մեկեն չքացան․․․

Օրեշոկը տրորեց աչքերը․ ոչինչ չէր մնացել, բացի արծաթաշող բացատից․ ոչ մի ցողուն չէր կոտրվել հավերժահարսերի պարերից, ոչ մի կաթիլ ցող ցած չէր ընկել։ Միայն խաղաղ լուսինն էր լուսավորում չքնաղ բացատը, իսկ շուրջը օղակաձև անտառն էր կանգնած, ինչպես սեփ֊սև ցանկապատ։

Այստեղ էլ հենց Օրեշոկը հիշեց, որ տանը նրան, հավանորեն, սպասում է ջրով հացաբրդոշը, և ամբողջ թափով սլացավ դեպի տուն։ Բայց սկսած այդ օրվանից, պապիկի հետ անտառներում կամ մարգագետիններում թափառելիս, մեկ֊մեկ նա հիշում էր շնային գանձը, որը թաղված էր գետնի տակ, և ամբողջ ուժով սկսում էր փորել, մեծ փոս բացել հողում։ Եվ նա, հավանորեն, ամեն ինչ պատմել էր հարևան բոլոր շներին, իսկ սրանք էլ՝ իրենց հարևաններին, նրանք էլ՝ ավելի հեռու գտնվողներին․․․

Ահա դրա համար էլ երբեմն պատահում է՝ հանկարծ ու աշխարհի բոլոր շները հիշում են կորած շնային թագավորությունը, փոս են փորում գետնի մեջ ու հոտոտում, հոտոտում՝ արդյոք հողի ընդերքից երբեմնի շնային տերության երշիկի գահի հոտը չի՞ գալիս։