Changes
Ես չէի կարծում, թե նա կարող է գալ անմիջապես հաջորդ օրը, բայց չէի ուզում ռիսկի դիմել եւ որոշեցի մեկ օր չգնալ «Կլոզերի»։ Ուստի հաջորդ օրը վաղ արթնացա, ծծակներն ու շշերը եռացրի, կաթնախառնուրդ պատրաստեցի, լցրի շշերի մեջ, մեկը տվի միստր Բամբիին եւ ճաշասեղանի մոտ նստեցի աշխատելու, քանի դեռ բոլորը՝ մեր կատվիկ Ֆ․ փիսիկից, նրանից եւ ինձնից բացի, քնած էին։ Նրանք երկուսն էլ իրենց հանգիստ էին պահում, նրանց ներկայությունը հաճելի էր, եւ ես աշխատում էի, ինչպես երբեք։ Այն օրերին կարելի էր յոլա գնալ առանց ոչ մի բանի, նույնիսկ առանց ճագարի թաթիկի, բայց հաճելի էր այն զգալ գրպանումդ։
==Պասխինի հետ «Կուպոլ» սրճարանում==
Երեկոն հիանալի էր, ես ամբողջ օրը լարված աշխատել էի եւ այժմ դուրս եկա սղոցարանի վերին հարկում գտնվող մեր սենյակից, անցա բակում դասավորված տախտակների ու կոճղերի միջով, իմ ետեւից ծածկեցի դռնակը, կտրեցի փողոցը, մտա փռի ետեւի դռնից, որտեղից փչում էր թխվող հացի համեղ հոտը, եւ դուրս եկա Մոնպառնասի բուլվարը։ Փռում լույս էր վառվում, դրսում արդեն իջնում էր աղջամուղջը, եւ ես քայլելով մթնող փողոցով, մի պահ կանգ առա «Թուլուզյան նեգր» ռեստորանի բաց պատշգամբի առջեւ, որտեղ կարմիր եւ սպիտակ քառակուսիներով անձեռոցիկները, փայտե օղակի մեջ հագցրած, սպասում էին մեզ՝ անձեռոցիկների սինու վրա։ Ես կարդացի միմեոգրաֆի վրա տպված մանուշակագույն ճաշաքարտը եւ տեսա, որ plat du jour֊ը<ref>Մշտական կերակրատեսակը (ֆրանս․)։</ref> cassoulet<ref>Մսից կամ որսամսից բակլայով ռագու, որ եփում են փոքրիկ, կլոր ամանում։</ref> է։ Եվ հենց միայն դրանից ես ուտել ցանկացա։
Ռեստորանի տերը՝ պարոն Լավինը, հարցրեց, թե ինչպե՞ս աշխատեցի, եւ ես պատասխանեցի՝ շատ լավ։ Նա ասաց, որ տեսել է, թե ինչպես վաղ առավոտյան «Կլոզերի դե Լիլա»֊յի պատշգամբում ես գրում էի, բայց չի խոսել, որովհետեւ կլանված եմ եղել աշխատանքով։
— Դուք տրոպիկական անտառում մոլորված մարդու տեսք ունեիք,— ասաց նա։
— Երբ ես աշխատում եմ, նման եմ կույր վարազի։
— Բայց մի՞թե դուք տրոպիկական անտառում չէիք, մսյո։
— Թավուտներում,— պատասխանեցի ես։
Ես շարունակեցի առաջ գնալ, նայելով ցուցափեղկերին եւ հրճվելով գարնանային երեկոյով ու ինձ ընդառաջ քայլող մարդկանցով։ Երեք ամենամեծ սրճարաններում նստած էին մարդիկ, որոնց ես ճանաչում էի դեմքով կամ որոնց հետ ծանոթ էի։ Բայց երեկոյան, երբ վառվում էին լույսերը, շուրջս միշտ անհամեմատ ավելի շատ համակրելի ու ինձ միանգամայն անծանոթ մարդիկ էի տեսնում, որոնք շտապ֊շտապ անցնում էին իմ կողքով, որոնելով այնպիսի տեղ, ուր հնարավոր լինի խմել երկուսով, ընթրել երկուսով, իսկ հետո սիրել մեկ֊մեկու։ Մեծ սրճարանների մարդիկ, հնարավոր է, որ նույն բանով են զբաղվում, իսկ գուցե եւ նրանք նստում ու խմում են, զրուցում ու սիրում են միայն նրա համար, որպեսզի ուրիշները տեսնեն։ Այն մարդիկ, որոնք ինձ դուր էին գալիս եւ որոնց հետ ծանոթ չէի, մեծ սրճարաններն էին գնում, որովհետեւ այնտեղ կարելի է կորչել եւ նրանց վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, նրանք կարող են երկուսով լինել։ Բացի այդ, այն օրերին մեծ սրճարաններում գները էժան էին, այնտեղ լավ գարեջուր էին մատուցում եւ ապերիտիվները թանկ չէին․ դրանց գինը հստակորեն նշված էր ապերիտիվների տակի ափսեիկներում։
Այն երեկո գլխումս ծնվում էին ահա այդպիսի առողջ, բայց ոչ առանձնապես օրիգինալ մտքեր, եւ ես ինձ արտակարգ առաքինի մարդ էի զգում, որովհետեւ ամբողջ օրը լավ էի աշխատել ու շատ, թեեւ շատ էի ուզում ձիարշավ գնալ։ Բայց միաժամանակ ես ինձ չէի կարող թույլ տալ ձիարշավի գնալ, չնայած, եթե ձգտես, միշտ կարելի է որեւէ բան շահել։ Այն ժամանակ դեռեւս չէր կիրառվում ո՛չ թքի ստուգումը, ո՛չ էլ մյուս մեթոդները, որոնց օգնությամբ հայտնաբերում են արհեստականորեն գրգռված ձիերը, եւ դոպինգը գործադրվում էր շատ լայնորեն։ Բայց հույս դնել արհեստական միջոցներով խթանված ձիերի վրա, նրանց վիճակը որոշել դեռեւս պադդոկում, վերջին փողերը դնել, հենվելով ինտուիցիային առնչվող դիտումներիդ վրա՝ այս ամենը հազիվ թե կարողանա կին ու երեխա ունեցող երիտասարդին առաջ մղել նրա գրական գործերում, որոնք պահանջում են նրա բոլոր ուժերն ու ամբողջ ժամանակը։
Բոլոր նորմաների տեսակետից մենք առաջվա նման շատ աղքատ էինք, եւ ես, մի քիչ տնտեսելու համար, դեռեւս շարունակում էի կնոջս ասել, թե ճաշի եմ հրավիրված, հետո երկու ժամ զբոսնում էի Լյուքսեմբուրգյան այգում եւ վերադառնալով, նրան պատմում էի, թե ի՜նչ հոյակապ ճաշ էր։ Երբ դու քսանհինգ տարեկան ես եւ ծանր քաշայինի կազմվածք ունես, չճաշելու դեպքում քաղցը անտանելի է դառնում։ Բայց քաղցը սրում է ընկալումները, եւ ես նկատել եմ, որ շատ մարդիկ, որոնց մասին ես գրել եմ, կատաղի կրքեր ունեն, սիրում են լավ ուտել եւ ճնշող մեծամասնությամբ դեմ չեն խմիչքին։
«Թուլուզյան նեգր» ռեստորանում մենք խմում էինք լավ կագոր, պատվիրում մի քառորդ շիշ, կես շիշ, իսկ հաճախ էլ մի ամբողջ գրաֆին եւ սովորաբար գինուն մեկ երրորդ չափով ջուր էինք խառնում։ Սղոցարանի վերին հարկի մեր տանը մենք ունեինք կորսիկական գինի, որն աչքի էր ընկնում իր թունդությամբ եւ էժան գնով։ Դա իսկական կորսիկական գինի էր, եւ եթե նույնիսկ կիսով չափ ջուր խառնես, դարձյալ գինի էր մնում։ Այն տարիներին Փարիզում կարելի էր վատ չապրել գրոշներով, իսկ եթե պարբերաբար չճաշեիր եւ նոր հագուստ ամենեւին չգնեիր, կարող էիր երբեմն քեզ թույլ տալ նույնիսկ ավելին։
Այն օրը ես «Սելեկտա»֊յից անմիջապես դուրս եկա, հենց որ այնտեղ տեսա Հարոլդ Ստիրնսին, որը անպայման կխոսեր ձիերի մասին, իսկ ես հենց նոր էի մաքուր խղճով ու թեթեւ սրտով որոշել ընդմիշտ բաժանվել այդ կենդանիներից։ Այն երեկո ես իմ առաքինության գիտակցությամբ լցված, անցա «Ռոտոնդա»֊յի մշտական հաճախորդների ամբողջ հավաքածոյի մոտով, եւ արհամարհելով արատն ու նախրային բնազդը, դուրս եկա բուլվարի մյուս կողմը, որտեղ գտնվում էր «Կուպոլ» սրճարանը։ «Կուպոլը» եւս լեփ֊լեցուն էր, բայց այնտեղ նստած էին մարդիկ, որոնք այդ օրը լավ աշխատել էին։
Այնտեղ կային լավ աշխատած բնորդուհիներ եւ նկարիչներ, որոնք աշխատել էին մինչեւ մութն ընկնելը, եւ գրողներ, որոնք ցերեկվա աշխատանքն ավարտել էին ի տխրություն կամ ուրախություն իրենց, եւ հարբեցողներ, եւ ամեն տեսակի հետաքրքիր անձնավորություններ․ դրանց որոշ մասին ես գիտեի, իսկ մյուսները հենց այնպես, ռեկվիզիտի համար էին։
Ես անցա սրահով եւ նստեցի Պասխինի մոտ, որի հետ երկու բնորդուհի֊քույրեր կային։ Պասխինը ինձ ձեռքով էր արել, երբ ես Դելամբր փողոցի մայթին կանգնած, դեռեւս մտածում էի՝ մտնե՞մ խմեմ, թե՞ ոչ։ Պասխինը շատ լավ նկարիչ էր, եւ նա հարբած էր, հարբած՝ ըստ սովորականի ու նպատակասլաց, սակայն դրանով հանդերձ նա պահպանել էր մտքի լիակատար պայծառությունը։ Երկու բնորդուհիներն էլ մանկամարդ էին ու գեղեցիկ։ Մեկը՝ թխահեր էր, պստլիկ, հիանալի կազմվածքով, խաբուսիկորեն փխրուն ու արատավոր։ Մյուսը՝ մանկական դեմքով էր ու հիմար, բայց շատ էր գեղեցիկ եւ աչքի էր ընկնում իր ոչ֊երկարատեւ մանկական գեղեցկությամբ։ Նա իր կազմվածքով զիջում էր քրոջը․ ինչ֊որ շատ էր նիհար, ինչպես բոլորը այն գարնանը։
— Ահա բարի քույրը եւ չար քույրը,— ասաց Պասխինը,— ես փող ունեմ։ Ի՞նչ կխմես։
— Une demi֊blonde<ref>Կես գավաթ սպիտակ (ֆրանս․)։</ref>,— ասացի ես մատուցողին։
— Վիսկի խմիր։ Ես փող ունեմ։
— Ես գարեջուր եմ սիրում։
— Եթե դու իրոք գարեջուր սիրեիր, նստած կլինեիր Լիպպի մոտ։ Դու, երեւի, աշխատում էիր։
— Այո։
— Առա՞ջ է գնում։
— Կարծես թե։
— Հիանալի է։ Ես ուրախ եմ։ Եվ քեզ առայժմ ոչ մի բան չի՞ ձանձրացրել։
— Ոչ։
— Քանի՞ տարեկան ես։
— Քսանհինգ։
— Ուզո՞ւմ ես պառկել սրա հետ,— նա նայեց թխահեր քրոջը եւ ժպտաց,— դա աղջկան օգտակար կլինի։
— Նրա համար այսօր, հավանաբար, դուք էլ բավական եք։
Աղջիկը շուրթերը բացելով ժպտաց ինձ։
— Նա անառակ մարդ է,— ասաց,— բայց շատ լավն է։
— Դու կարող ես նրա հետ ստուդիա գնալ։
— Չի՞ կարելի առանց խոզության,— հարցրեց շիկահեր քույրը։
— Իսկ քեզ ո՞վ է հարցնում,— կտրեց Պասխինը։
— Ոչ ոք։ Ցանկացա եւ ասացի։
— Եկեք մեզ ազատ զգանք,— ասաց Պասխինը,— մի լուրջ երիտասարդ գրող եւ մի բարյացակամ, իմաստուն ծեր նկարիչ ու երկու ջահել գեղեցիկ աղջիկներ, որոնց ամբողջ կյանքը առջեւումն է դեռ։
Մենք այդպես նստել էինք, եւ աղջիկները խմում էին իրենց ըմպանակներից, Պասխինը խմեց սոդայաջրով մի կոնյակ եւս, իսկ ես գարեջուր էի խմում, բայց ոչ ոք իրեն ազատ չէր զգում, Պասխինից բացի։ Թխահեր քույրը շարունակ փոխում էր դիրքը, իրեն ցուցադրում, կիսադեմով այնպես շրջվում, որպեսզի լույսը շեշտակի դարձնի նրա դիմագծերը, եւ ինձ ցույց էր տալիս իր՝ սեւ սվիտրի տակ պրկված կուրծքը։ Նրա կարճ խուզած մազերը թուխ էին ու հարթ, ինչպես արեւելյան կանանց մոտ է լինում։
— Դու ամբողջ օրը քեզ ցուցադրել ես,— նրան ասաց Պասխինը,— եւ քեզ անպայման անհրաժեշտ է, որ այդ սվիտրդ հենց այստեղ, սրճարանո՞ւմ ցուցադրես։
— Ինձ այդպես է դուր գալիս,— ասաց թխահերը։
— Դու նման ես ճավայական խաղատիկնիկի,— ասաց նա։
— Բայց ոչ աչքերով,— պատասխանեց նա,— դա այնքան էլ հեշտ բան չէ։
— Դու նման ես գայթակղեցված խեղճ poupée<ref>Խաղատիկնիկ (ֆրանս․)։</ref>֊ի։
— Կարող է պատահել,— պատասխանեց թխահերը,— սակայն՝ կենդանի խաղատիկնիկի, մի բան, որ չես ասի քո մասին։
— Դա մենք դեռ կտեսնենք։
— Շատ լավ,— ասաց աղջիկը,— ես սիրում եմ ապացույցներ։
— Դրանք այսօր քեզ համար բավական չէի՞ն։
— Ախ, դա,— ասաց աղջիկը եւ դեմքը հառեց երեկոյան լույսի ցոլքերին,— քեզ պարզապես գրգռել է աշխատանքը։ Նա սիրահարված է իր կտավներին,— ասաց նա ինձ,— միշտ որեւէ կեղտ։
— Դու ուզում ես, որ ես քեզ նկարեմ, քեզ վճարեմ, քեզ հետ քնեմ, որ իմ գլուխը պայծառ լինի եւ որ այդ բոլորին գումարած նաեւ սիրահարված լինեմ քեզ,— ասաց Պասխինը։— Ախ, դու, խեղճ իմ խաղատիկնիկ։
— Ես ձեզ դուր եմ գալիս, մսյո, այդպես չէ՞,— հարցրեց նա։
— Շատ։
— Բայց դուք չափազանց խոշոր եք,— վշտացած ասաց նա։
— Անկողնում բոլորն էլ մի հասակի են։
— Ճիշտ չէ,— ասաց նրա քույրը,— եւ ինձ ձանձրացրել է այդ խոսակցությունը։
— Լսիր,— ասաց Պասխինը,— եթե դու գտնում ես, որ ես սիրահարված եմ կտավներին, վաղը ես քեզ ջրաներկով կնկարեմ։
— Ե՞րբ ենք մենք ընթրելու,— հարցրեց նրա քույրը,— եւ որտե՞ղ։
— Դուք մեզ հետ կընթրե՞ք,— հարցրեց թխահերը։
— Ոչ։ Ես գնում եմ ընթրելու իմ légitime<ref></ref>֊ի հետ։— Այն ժամանակ կանանց այդպես էին անվանում։ Իսկ այժմ ասում են «Իմ régulière<ref></ref>»։
— Դուք անպայմա՞ն պետք է գնաք։
— Եվ պետք է, եւ ցանկանում եմ։
— Դե որ այդպես է, գնա,— ասաց Պասխինը,— եւ տես, չսիրահարվես գրամեքենային։
— Այդ դեպքում կսկեմ մատիտով գրել։
— Վաղը՝ ջրաներկ,— հայտարարեց նա,— դե լավ, մանկիկներս, ես մի գավաթ էլ կխմեմ եւ կգնամ ընթրելու որտեղ որ ցանկանաք։
— «Վիկինգում»,— ասաց թխահերը։
— Հենց այնտեղ,— նրան պաշտպանեց քույրը։
— Լավ, համաձայնեց Պասխինը,— բարի գիշեր, jeune homme։ Հաճելի երազներ։
— Փոխադարձաբար։
— Երազները չեն թողնում, որ քնեմ,— ասաց Պասխինը,— ես երբեք չեմ քնում։
— Այսօր քնեցեք։
— «Վիկինգից» հետո՞։— Նա, գլխարկը ծոծրակին թեքելով, քմծիծաղեց։ Նա ավելի շուտ նման էր իննսունական թվականների Բրոդվեյցի քեզ անող որեւէ տղայի, քան սքանչելի նկարչի, ինչպիսին էր իրոք, եւ ավելի ուշ, երբ նա իրեն կախեց, ես նրան վերհիշում էի այնպիսին, ինչպես նրան տեսա այն երեկո, «Կուպոլ»֊ում։ Ասում են՝ մեր բոլորիս մեջ թաքնված են հունդերը այն բանի, ինչ մենք անելու ենք, բայց ինձ միշտ թվացել է, որ նրանց մոտ, ովքեր կարողանում են կատակել կյանքի հետ, այդ հունդերը ծածկված են ավելի լավ հողով եւ ավելի առատորեն են պարարտացված։
[[Category: Արձակ]]