Յարութիւնին հետս չեմ վերցնում, նրան թողնում եմ Մոսոյի հետ երկրորդ խմբին հետ գալու։
Վանքից կէսօրից վերջ ելանք եւ մթով հասանք Կարանի։ Այնտեղ պիտի գիշերէինք եւ առաւօտեան վաղ, մութլուսուն ճամբայ ելնէինք դէպի Ալագան…
Կարանիի մէջ հիւրընկալւում ենք ամէնքս միասին, 8֊10 հոգի, Խոյեցի Աւետի պզտիկ խանութին մէջ։
Աւետը արհեստով զինագործ էր, խանութ ունէր Կարանի հազար ու մի նեղութիւն քաշելով եւ անարգանքի ենթարկուելով մի կտոր հաց վաստակելու համար։
Արտաքինով խեղճ էր․ պարսիկների արտաքին երեւոյթն ունէր, —հագուստ, գլխարկ, ածիլուելու ձեւ, վերջապէս, ըստ ամենայնի մթնոլորտի պայմաններին յատուկ կերպարանք էր ստացել։
Բայց այս արտաքինով խեղճ մարդը մեծ դեր էր կատարում մեր գործերի համար Կարանիում։ Շնորհիւ այն բանի, որ նա զինագործ էր, Աբաղայի, Արճէշի եւ այլ վայրերի քրդերը գալիս էին նրա մօտ հրացաններ նորոգել տալու։ Եւ այդ պատճառով իմանում էր շատ նորութիւններ՝ սահմանագլխի դրութեան, թուրք զօրքերի շարժման, աղաների փոխադարձ յարաբերութեան, հայ խմբերի կռիւների մասին եւայլն։ Մի խօսքով Դաշնակցութեան գաղտնի ոստիկանութեան գլխաւոր գործակալն էր։
Եւ այս բոլորը նա անում էր ամենայն ուրախութեամբ եւ լուրերը հասցնում էր Վանք իր թուրք աշակերտի միջոցով գրաւոր եւ, եթէ շատ կարեւոր էր, ինքն անձամբ գալիս էր Վանք։ Ու խեղճի միակ վարձատրութիւնը վարդապետի օրհնանքն էր եւ մեր <i>աֆէրիզմը</i>, բայց նա այնքա՜ն գոհ էր լինում…
Աւետը մեզ հիւրասիրեց թէյով եւ ինչով որ կարող էր։ Վրաս գլխիս նայելով — շատ աղքատ գիւղացիի հագուստ էի հագել չնկատուելու համար — ախ ու վախ էր անում եւ ասում էր․
— <i>Պարոն, հապա ե՞րբ պիտի ազատուենք այս անօրէններից։</i>
Աքաղաղները դեռ չխօսած՝ մնաս բարեւ ենք անում Աւետին եւ մեկնում։
Կարանիից մինչեւ Ալագանի ստորոտը, ձմեռը 2֊3 ժամուայ ճանապարհ է, մանաւանդ գիշերուայ գնացողի համար, երբ ստիպուած են քայլել անդադար ընկնելով եւ կանգնելով։
Լուսաբացին, արդէն մենք հասել էինք Ալագանի լանջերը։ Գիշերը խիստ ցուրտ էր, իսկ լուսուն սկսեց եղանակը խառնուել եւ քամի փչել։ Ինչքան մենք բարձրանում էինք, քամին այնքան աւելի ուժեղանում էր եւ փոթորիկի ու բորանի փոխւում։
Լուռ ելնում ենք լեռն ի վեր։ Բրախոլամը հրամայում է, որ իրար պոչ բռնած գնանք՝ վար չընկնելու համար։ Բուքի հետ սկսուեց ե՛ւ մառախուղ։
Տղաներն յուսահատութեան նշաններ են ցոյց տալիս։
— <i>Աս տո՛ր կը տանի սա ցնդուկ խէն․ չգիտե՞ր, որ Ալագանի բորանը գէլ֊խեղդուկ է…</i>
Ջաֆարը վեր ու վար է անում՝ շան պէս երկնքից հոտ առնելով, աոռալով․
— <i>Վալլահ, բիլլահ, թալլահ, բորան պիտի ընէ եւ մեզ խեղդի</i>։
Փոթորիկը աւելի ուժեղանում է։ Արդէն տեսնում ենք, որ սարի գագաթէն սիւնաձեւ ձիւնով շաղախուած բորան է գալիս… մէկ, երկու, երեք․ էլ չենք կարող բարձրանալ․ քամին մեզ ուժասպառ է արել։ Կէսօրը անցել է, եւ մենք դեռ ճանապարհը չենք կիսել, այնինչ այդ օրը պիտի հասնինք Խաչան…
Մէկ էլ տեսանք, գայլերի վոհմակի պէս վերեւից, մի խումբ քրդեր դէպի մեզ են փախչում ու պոռում․
— <i>Ջան փրցուցէք, բորանը կը գայ…</i>
Ասին եւ դէպի ներքեւ փախան։
Նկատեցինք, որ նրանք իրենց բեռները թափել են ճանապարհի ուղիղ մէջտեղը։ Մէկ էլ մի մեծ ձիւնասիւն եկաւ եւ բոլորիս գետին գլորեց։ Մի քանի րոպէ մնացինք այսպէս, ով որտեղ ընկել էր։ Յետոյ կամաց֊կամաց հաւաքուեցինք մի խոշոր քարի ետեւ․ ոչ մտածել էր լինում եւ ոչ խօսել։
Քրտինքի մէջ կորած, իսկ այժմ ձիւնի մէջ թաղուած՝ շուտով ոտներս ու ձեռներս փայտացան։
Վերջապէս, որոշեցինք մեր բեռները ձգել մի նշանակուած քարի տակ եւ մենք էլ շտապ֊շտապ իջանք դէպի դաշտը։ Չգիտէինք, ո՞ւր գնալ․ Վանքը հեռու է, Կարանի մտնել չենք կարող, ուրիշ գիւղ էլ չգիտէինք։
Վերջապէս, վազէվազ հասնում ենք դաշտը, որոշում ենք մտնել առաջին պատահած աճամի գիւղը։ Ձիւնով անձրեւով թրջուած ենք․
<references/>