Changes
/* Գլուխ վեցերորդ. Լոթլորիեն */
Հալդիրը նրանց տարավ Կախարդուհու ափով: Շուտով նրանց միացավ և Ռամիլը:
— Ձեզ հետապնդողները,— ասաց նա Պահապաններին,— կխճճվեն Գաղտնի Թավուտներում մինչև երեկո, և նրանցից ոչ մեկը տուն չի վերադառնա՝ այդ մասին հոգ կտանեն Լորիենի ռազմիկները:
Մոտ երեք լիգ անցնելուց հետո Հալդիրը կանգնեց և, դեմքով շրջվելով դեպի Կախարդուհին, երկու անգամ թռչունի նման ցածր սուլեց:
— Այն ափին,— բացատրեց նա Պահապաններին,— երկրորդ պահակակետն է գտնվում:
Ծառերի հետևից դուրս եկավ էլֆ ժամապահը՝ քողարկող թիկնոցով, բայց գլխանոցը հետ գցած: Հալդիրը խորշում փաթաթված արծաթապատ առասանը հմտորեն նետեց գետի վրայով: Էլֆը բռնեց այն ու կապեց ծառին:
— Կախարդուհին այստեղ շատ սառն է,— ասաց Հալդիրը: — Բայց մեր բուռն ու անհանգիստ օրերին կայուն կամուրջներ կառուցելը վտանգավոր է: Նայեք՝ ինչպես ենք մենք անցնում գետը: — Էլֆը ամուր ձգեց առասանն ու պինդ կապեց ծառին: Իսկ հետո հանգիստ, ասես ճանապարհին քայլելիս լիներ, գետի վրայով գնաց ու եկավ:
— Դեհ ինձ համար դա սովորական անցում է,— ասաց Լեգոլասը: — Իսկ մյուսներրն ի՞նչ անեն: Մի՞թե նրանք լողալով պետք է անցնեն:
— Ինչու՞ լողալով,— պատասխանեց Հալդիրը: — Մենք այստեղ ևս երկու առասան ունենք: Մեկը կկապենք առաջինից քիչ վերև և, դրանից բռնելով, քո ընկերները կանցնեն:
Երբ այդ երերուն կամուրջը պատրաստ էր, Պահապաններն անցան հյուսիսային ափ՝ ոմանք դանդաղ, ոմանք մեծ դժվարությամբ, մյուսներն ավելի արագ ու անկաշկանդ: Հոբիթներից լավագույն լարագնացը Փինը դուրս եկավ. նա բռնել էր միայն մի ճոպանից և բավական վստահ էր առաջ գնում, սակայն աշխատում էր ներքև չնայել: Իսկ Սամը քայլում էր դանդաղ, մանրիկ քայլերով, ձեռքերով ճոպաններից պինդ բռնած ու հայացքը ոսկեցոլք ջրից չկտրելով: Ափին նա թեթևացած շունչ քաշեց և բացականչեց.
— Դար ապրես՝ դար կսովորես, ինչպես ասում է իմ ծերուկը, դրա համար էլ ամբողջ կյանքում հողն է փորփրում և ոչ թե սարդի պես նստում է սարդոստայնում:
Ռամիլը մնաց հարավային ափին և գետանցումը վերջացնելուց հետո արձակեց երկու ճոպանները, իսկ երրորդը, որն արձակել էր գետն անցած Հալդիրը, ձգեց դեպի իրեն և կծկեց: Հետո կծիկը գցեց ուսին, Պահապաններին հրաժեշտ տվեց ձեռքը թափահարելով և հետ գնաց դեպի առաջին կամուրջը: