Changes

Պահապանները

Ավելացվել է 6448 բայտ, 15:47, 14 Դեկտեմբերի 2015
/* Գլուխ վեցերորդ. Լոթլորիեն */
— Այո, մեր հողերից արևմուտք էլֆերի ծովամերձ բնակավայրեր կան,— կարևոր տեսքով հաստատեց Մերին:
 
— Երջանիկ է այն ժողովուրդը,— բացականչեց Հալդիրը,— որ ապրում է արևմտյան նավահանգիստներից ոչ հեռու: Մենք անհիշելի ժամանակներից չենք եղել այնտեղ: Պատմիր ինձ նրանց մասին,— խնդրեց նա հոբիթին:
 
— Ախր ես այնտեղ չեմ եղել,— խոստովանեց Մերին: — Առաջներում ճանապարհորդելու առիթ չեմ ունեցել: Եվ եթե իմանայի, թե ինչ է կատարվում աշխարհում, ապա դժվար թե Հոբիթստանից հեռանալու վճռականություն ունենայի:
 
— Նույնիսկ Իմլադրիսը կամ Լոթլորիենը տեսնելու համա՞ր,— հարցրեց Հալդիրը: — Մեր ներկայիս աշխարհը դաժան է ու վտանգավոր, որոշ ազատ հողեր մթապատ են, իսկ սերը հաճախ վշտի է վերածվում, բայց դրանից ավելի գեղեցիկ է դառնում: — Էլֆը լռեց ու թախծոտ վերջացրեց. — շատերը կարծում են, որ Խավարի Վարագույրը ժամանակի ընթացքում կցրվի նույնիսկ Մորդորից ու անհետ կկորչի... Ես դրան չեմ հավատում: Աշխարհն արդեն երբեք նախկինը չի լինի, իսկ արևը՝ նույնքան պայծառ, ինչպես առաջ: Գուցե մի կարճատև պայծառացում լինի, և մենք՝ էլֆերս, դուրս գանք ծով... որպեսզի Միջերկրից հեռանանք ընդմիշտ: Մի՞թե մենք պետք է հեռանանք Լորիենից և ապրենք մի երկրում, ուր մելորն չի աճում... Չէ՞ որ եթե հավատանք էլֆերի ավանդություններին, ապա ծովից այն կողմ Ոսկի անտառներ չկան: Ես չգիտեմ, թե ինչպես ենք այնտեղ ապրելու...
 
Պահապանները իծաշարուկ գնում էին արահետով: Շարքի հետևից անշտապ քայլում էր Հալդիրը, իսկ երթը փակում էր երկրորդ լորիենցին: Արահետը փափուկ էր, հավանաբար, ավազ էր, և շուտով ճամփորդներն սկսեցին ավելի վստահ քայլել: Երևի այն պատճառով, որ նրանք փակ աչքերով էին գնում, նրանց զգայնությունը չափազանց սրված էր: Ֆրոդոն զգում էր ձմեռվա քուն մտած, բայց կանաչ խոտի թեթև բույրը, լսում էր հացենու տերևների փսփսոցը, թռչունների դայլայլը, առվակների քչքչոցը և ջրառատ Կախարդուհու խաղաղ ճողփյունը: Երբ Ջոկատը հատում էր դաշտը, ձմեռային պայծառ արևը մեղմ շոյում էր նրանց դեմքերը:
 
Դեռևս Կախարդուհու մոտ նրան թվաց, թե ինքը հեռանում է այսօրվա աշխարհից, կարծես այդ երերուն ճոպանե կամրջակը գցված էր երեք դարաշրջանների վրայով և տանում էր դեպի վաղանցուկ նախասկզբնական օրեր: Որքան մոտենում էին Նաիթ Լորիենի սրտին, այնքան այդ զգացողությունն ավելի էր ուժեղանում, գուցե աչքերը կապած լինելու պատճառով: Ֆրոդոն չէր կարողանում ազատվել այն մտքից, որ իր շուրջը կենդանանում է անցյալը: Ազատքում ամեն ինչ անցյալ էր հիշեցնում, իսկ այստեղ այն կենդանի էր ու իրական. չարությունն ու չարարկությունը, վիշտն ու տառապանքը թեև հյուսիսային էլֆերի վրա իշխանություն չունեին, բայց ընդհուպ մոտեցել էին Ազատքին, իսկ Լորիենն այնպես էր ապրում, ասես չարը դեռ չէր ծնվել:
 
Պահապաններն առանց դադարի քայլում էին Հալդիրի հետևից, մինչև որ պաղ քամին լուր բերեց իջնող երեկոյի մասին: Նրանք ընթրեցին և, վերմակների մեջ փաթաթվելով, հանգիստ քնեցին փափուկ մարգագետնում, որը հյուսիսային քամիներից պաշտպանված էր թփուտներով: Հալդիրը նրանց թույլ չտվեց աչքի կապերը հանել, այնպես որ նրանք ծառը բարձրանալ չէին կարող: Առավոտյան նորից ճանապարհ ընկան և հանգստանալու նստեցին միայն կեսօրից հետո: Ուտելուց հետո արդեն պատրաստվում էին շարժվել, երբ էլֆերի ձայներ լսեցին:
 
Դեպի Անտառի հյուսիս-արևմտյան սահմաններն էր շարժվում մի ուժեղ ջոկատ, որ հետ մղի օրքերի հարձակումը, եթե նրանք նորից քիթները Լորիեն մտցնեն: Ռազմիկների բերած լուրերի որոշ մասը Հալդիրը համառոտ պատմեց Պահապաններին: Նրանց հասնել փորձող օրքերին ոչնչացրել էին Գաղտնի Թավուտներում: Էլֆերը մի տարօրինակ արարած էին տեսել, որը կարծես թե երկոտանի էր, բայց գազանի էր նման. էլֆերը եկվորին բռնել չէին կարողացել, իսկ հեռվից նրան նետահարել չէին կամեցել՝ հանկարծ ու դա մի անմեղ կենդանի է: Եվ եկվորը գետի երկարությամբ փախել է դեպի արևելք: Պահապաններին զարմացրեց էլֆերի անհոգությունը, բայց Հալդիրը նրանց բացատրեց, որ իրական չարարկուները Լորիեն ներխուժելու փորձ անում են միայն հորդաներով, ուրեմն եկվորն իիսկապես փոքրիկ գազան էր:
Վստահելի
1342
edits