|աղբյուր = [[«Դեկամերոն»]]
}}
[[Կատեգորիա։ԱրձակԿատեգորիա:Արձակ]]
{{անավարտ}}
Ֆիլոմենան, ավարտելով իր պատմությունը, արդեն լռել էր, երբ նրա կողքին նստած Դիոնեոն, թագուհու հատուկ հրամանին չսպասելով, որովհետև գիտեր, որ ըստ սահմանյալ կարգի՝ խոսելու հերթն իրենն է, սկսեց այսպես խոսել․— Սիրելի՛ դամաներ, եթե ես ճիշտ եմ հասկացել մեր ընդհանուր մտադրությունը, ապա մեր այստեղ ժողովվելու նպատակն է պատմություններ անելով զվարճացնել միմյանց։ Ուստի ես գտնում եմ, որ մեզնից յուրաքանչյուրին,— եթե միայն նան այդ կանոնին դեմ չգնա,— թույլատրված է (իսկ որ դա այդպես է, քիչ առաջ ասաց ինքը՝ թագուհին) պատմել այնպիսի նովել, որը իր կարծիքով կպատճառի առավել բավականություն։ Մենք լսեցինք, թե ինչպես Ջիանոտո դի Չիվինիի բարի խորհուրդների շնորհիվ Աբրահամը փրկեց իր հոգին, թե ինչպես Մելքիսեդեկը հնարամտությամբ իր հարստությունը պաշտպանեց Սալադինի որոգայթից․ այդ պատճառով էլ, ձեր կողմից կշտամբանքների չսպասելով, ես մտադիր եմ համառոտակի պատմել, թե ինչպիսի խորամանկությամբ մի վանական ազատվեց ծանր պատժից։
Այստեղից ոչ շատ հեռու՝ Լուիջիանա գավառում, կար մի վանք, որը մի ժամանակ իր սրբությամբ ավելի էր հռչակված և ուներ ավելի շատ վանականներ, քան այժմ։ Ի թիվս այլոց՝ այնտեղ կար մի ջահել վանական, որի մարմնական ուժերին ու թարմությանը չթին կարողացել վնասել ո՛չ ծոմերը, ո՛չ էլ հսկումները։ Մի անգամ կեսօրին, որն մնացած բոլոր վանականները քնած էին, իսկ նա միայնակ թափառում էր իր եկեղեցու շուրջը, որը գտնվում էր մի խիստ առանձնացած վայրում, պատահմամբ նկատեց մի շատ գեղեցիկ աղջկա, որը հավանաբար որևէ գյուղացու դուստր էր և դաշտում շրջելով՝ խոտեր էր հավաքում։ Աղջկան տեսած-չտեսած՝ վանականը մարմնական խիստ ցանկություն զգաց, ուստի մոտենալով նրան՝ զրույցի բռնվեց նրա հետ, և գործն այնպիսի ընթացք ընդունեց, որ նա աղջկա համաձայնությունն առնելով՝ նրան տարավ իր խուցը այնպես, որ ոչ ոք չնկատեց։ Եվ մինչդեռ չափազանց ուժգին տռփանքով համակված, այնքան էլ չզգուշանալով՝ նա քեֆ էր քաշում նրա հետ, եղավ, որ վանահայրը, քնից ելնելով և անցնելով նրա խցի մոտով, լսեց այն աղմուկը, որ առաջացրել էին նրանք երկուսով։ Որպեսզի կարողանար ավելի լավ որոշել ձայները, նա ականջ դնելու նպատակով զգույշ մոտեցավ դռանը և հաստատ իմացավ, որ ներսում կին կա, և մի պահ գայթակղություն ունեցավ հրամայելու, որ դուռը բանան, բայց հետո միտքը փոխեց ու որոշեց այլ կերպ վարվել և, վերադառնալով իր սենյակը, սկսեց սպասել, մինչև որ վանականը դուրս գար խցից։ Վանականն էլ, թեպետև այն կնոջ հետ մեծագույն բավականության ու վայելքի էր տրված, այնուամենայնիվ կասկածը սրտումն էր, և քանի որ նրան թվաց, թե դռան մոտից ոտքերի քստքստոց է լսվում, աչքը դեմ արավ նեղլիկ ճեղքին և չափազանց պարզ ու որոշ տեսավ, որ վանահայրը ականջ է դնում, և շատ լավ հասկացավ, որ նա չի կարող կռահած չլինել աղջկա ներկայությունն իր խցում։ Լավ իմանալով, որ դրա համար իրեն ծանր պատիժ է սպասում, նա խիստ վշտացավ, բայց և այնպես, աղջկան բնավ ցույց չտալով իր վիշտը, մտքում ծանր ու թեթև արեց բազում հնարներ, որպեսզի տեսներ, թե դրանցից որը կարող էր փրկարար լինել։Եվ նրա մտքով անցավ չտեսնված մի խորամանկություն, որը և նրան հասցրեց իր խորհած վախճանին։ Այնպես ցույց տալով, թե արդեն սրտի ուզածին չափ եղել է աղջկա հետ՝ նա վերջինիս ասաց․ «Ես մի գնամ ու տեսնեմ, թե դու այստեղից ինչպես պիտի դուրս գաս առանց նկատվելու, ուստի հանգիստ նստիր, քանի դեռ չեմ վերադարձել»։ Դուրս գալով խցից և դուռը ամուր կողպելով՝ նա գնաց ուղիղ բանահոր սենյակը և բանալին հանձնելով նրան, ինչպես վանքից հեռանալիս անում էին բոլոր վանականները, հանգիստ ու անայլայլ դեմքով ասաց․ «Մեսսերե, այս առավոտ ես ազատ ժամանակ չունեցա բերել տալու այն վառելափայտը, որ հատել եմ տվել։ Ուստի , թույլ տվեք գնամ անտառ ու պատվիրեմ ցախը բելեր»։ Վանահայրը, ցանկանալով ստույգն իմանալ վանականի հանցանքը և ենթադրելով, որ նա չի կռահել, որ ինքը տեսել է նրա արածը, ուրախացավ այդ պատեհ առիթի համար, սիրով վերցրեց բանալին ու նրան թույլ տվեց գնալ։ Տեսնելով, որ վանականը գնաց, նա սկսեց խորհել, թե ինչ կերպ վարվի, որ ավելի լավ լինի․ արդյոք բոլոր միաբանների ներկայությամբ բանա՞ խցի դուռն ու ափաշկարա դարձնի հանցանքը, որպեսզի նրանք պատճառ չունենան տրտնջալու, երբ ինքը պատժելու լինի վանականին, թե՞ նախապես աղջկանից իմանա՝ ինչպես էր եղել բանը։ Միտք անելով, որ նա կարող է այնպիսի կին կամ այնպիսի մարդու աղջիկ լինել, որ թերևս ինքը չէր ցանկանա նրան խայտառակել բոլոր վանականների առաջ, նա որոշեց նախ և առաջ իմանալ՝ ով է նա, և նոր միայն որևէ միջոցի դիմել։ Սուսիկ-փուսիկ մոտենալով խցին՝ նա բաց արեց դուռը և ներս մտնելով՝ փակեց ներսից։ Տեսնելով վանահորը՝ աղջիկը, ինքն իրեն բոլորովին կորցրած, վախենալով խայտառակվելուց, սկսեց լաց լինել, իսկ վանահայրը, մի լավ աչքելով նրան և տեսնելով, որ սիրուն է ու ջահել, հանկարծ, թեպետև ծեր էր, երիտասարդ վանականից ոչ պակաս զգալով ցանկությունը մարմնական, սկսեց ինքն իր մեջ այսպես խորհել․ «Ինչու՞ պիտի ես հաճույք չճաշակեմ, երբ կարող եմ այդ անել, իսկ տհաճություններն ու ցավերը միշտ էլ անպակաս են մեր գլխից։ Նա սիրուն աղջիկ է, իսկ որ այստեղ է՝ ոչ ոք չգիտի։ Եթե ես հաջողեմ նրան համոզել, որ ցանկությունս կատարի, ապա չեմ հասկանում՝ ինչու պիտի սրտիս ուզածը չանեմ։ Ո՞վ պիտի իմանա։ Ոչ ոք էլ չի իմանա, իսկ ծածուկ արված մեղքը կիսով չափ ներված է։ Այսպիսի առիթ թերևս երբեք չներկայանա, և եթե Աստված որևէ մեկին բարիք է տալիս, ապա դրանից օգտվելը ես համարում եմ մեծ իմաստություն»։ Այսպես խորհելով և բոլորովին փոխելով այն մտադրությունը, որով եկել էր, նա մոտեցավ աղջկան, սկսեց մեղմաբար մխիթարել՝ խնդրելով, որ լաց չլինի։ Եվ այդպես խոսելով՝ կամաց-կամաց խոսքն այնտեղ բերեց, որ աղջկան հայտնեց իր փափագը։ Աղջիկն էլ, դե, երկաթից ու ադամանդից չէր շինված և շատ հեշտ համաձայնեց կատարել վանահոր ցանկությունը։ Գրկելով նրան և համբուրելով շատ ու շատ անգամ՝ վանահայրը բարձրացավ վանականի անկողնու վրա և նկատի առնելով իր արժանապատվության պատկառելի կշիռը և աղջկա երիտասարդ հասակը կամ թերևս վախենալով նրան վնաս պատճառել իր չափազանց ծանրությամբ՝ չպառկեց նրա վրա, այլ նրան պառկեցրեց յուր անձի վրա և այդպես երկար ժամանակ զվարճացավ հետը։ Իսկ վանականը, որ իբր թե գնացել էր անտառ, թաքնվեց դորմիտորիայում և հենց որ տեսավ, որ վանահայրը մենակ մտավ խուցը, միանգամից հանգստացավ՝ մտածելով, որ իր խորհածը գլուխ պիտի գա։ Տեսնելով, որ վանահայրը դուռը ներսից փակեց, նա արդեն գործը գլուխ եկած հաշվեց։ Դուրս գալով իր թաքստոցից՝ նա կամացուկ մոտեցավ դռան ճեղքին, որի միջից լսեց ու տեսավ այն ամենը, ինչ ասում կամ անում էր վանահայրը։ Երբ վանահորը թվաց, որ աղջկա հետ արդեն բավականաչափ եղել է, առաջվա պես նրա վրա կողպեց խցի դուռը և վերադարձավ իր սենյակը։ Պահ մի անց լսելով վանականի ոտքերի ձայնը և ենթադրելով, որ նա անտառից է վերադարձել, որոշեց մի թունդ շշպռել նրան և արգելարան դնելու հրաման տալ, որպեսզի կարողանար մենակ վայելել ձեռն ընկած որսը։ Կանչել տալով վանականին՝ նա ամենայն խստությամբ և դեմքի ահասաստ արտահայտությամբ նախատեց նրան և կարգադրեց փակել արգելարանում։ Սակայն վանականը անմիջապես առարկեց նրան․«Մեսսերե,— ասաց նա,— վաղուց չէ, ինչ ես հարում եմ սբ․ Բենեդիկտի ուխտին և դեռևս չեմ կարողացել յուրացնել նրա բոլոր առանձնահատկությունները, իսկ դուք դեռևս ժամանակ չեք ունեցել ինձ հրահանգելու, որ վանականները պարտավոր են կանանց տակ էլ մտնել, ինչպես ծոմերի և հսկումների ծանրության տակ։ Այժմ երբ դուք արդեն այդ ցույց եք տվել ինձ, ես ձեզ խոսք եմ տալիս, եթե այս անգամ ինձ ներելու լինեք, այլևս երբեք չմեղանչել այդ պատվիրանը չկատարելով, այլ միշտ անել այնպես, ինչպես որ տեսա՝ անում էիք դուք»։ Վանահայրը, որ հասկացող մարդ էր, իսկույն գլխի ընկավ, որ վանականը ոչ միայն իր գործից շատ ավելի է հասկանում, այլև տեսել է այն ամենը, ինչ արել էր ինքը։ Ուստի սեփական հանցանքի գիտակցումից խայթված՝ նա ամաչեց վանականին տալ այն պատիժը, որին նրա հետ միասին արժանի էր և ինքը։ Ներելով նրան և պատվիրելով տեսածի մասին լռել, վանահայրը նրա հետ միասին զգուշաբար խցից հանեց ու ճամփու դրեց աղջկան, և պետք է ենթադրել, որ նրանք դեռ շատ ու շատ անգամ նրան բերեցին այնտեղ։ ==='''ՆՈՎԵԼ ՀԻՆԳԵՐՈՐԴ'''=== ''Մոնֆերանտոյի դքսուհին հավի մսից պատրաստված ճաշով և մի քանի սիրալիր խոսքով փարատում է այն խելացնոր ցանկությունը, որ նրա նկատմամբ տածում էր Ֆրանսիայի թագավորը'' Դիոնեոյի պատմած նովելն սկզբում ամոթի զգացումով խոցեց նրան ունկնդրող աղջիկների սիրտը, մի բան, որ արտահայտվեց նրանց դեմքին երևացած շառագույնով․ իսկ այնուհետև, իրար երեսի նայելով և հազիվ զսպելով իրենց ծիծաղը, նրանք պատմությունը լսեցին մինչև վերջ։ Երբ նովելն ավարտվեց, և նրանք էլ մի քանի մտերմական խոսքերով կշտամբեցին պատմողին՝ ցանկանալով հասկացնել, թե կանանց ներկայությամբ այդպիսի նովելներ չի կարելի պատմել, այնժամ թագուհին, դառնալով Ֆիամետտային, որ նրա կողքին նստած էր կանաչի վրա, հրամայեց պատմել հերթական նովելը: Ֆիամետտան էլ նազելիորեն և դեմքի զվարթ արտահայտությամբ այսպես սկսեց․ —Քանի որ ինձ համար հաճելի է, որ մենք մեր նովելներով սկսեցինք ապացուցել, թե ինչպիսի զորություն ունեն հնարագյուտ և սրամիտ պատասխանները, ապա ես,նկատի առնելով այն, որ եթե տղամարդու ամենամեծ խոհեմությունը մինշտ իրենից ավելի տոհմմիկ կնոջ սիրույն ձգտելն է, ապա կնոջ մեծագույն զգուշությունն էլ պիտի լինի խուսափել իրենից բարձր դիրք ունեցող տղամարդու սիրուց, ուզում եմ, ո՜վ իմ գեղասքանչ դամաներ, իմ պատմելիք նովելով ցույց տալ, թե ինչպիսի արարքներով և ինչ խոսքերով մի ազնվատոհմիկ կին առանց ուրիշի օգնության կարողացավ առաջին վտանգից պաշտպանվել, իսկ երկրորդը՝ վերացնել։ Մոնֆերանտոյի դուքսը, որ շատ առաքինի մարդ էր և եկեղեցու հոգաբարձու, քրիստոնյաների համընդհանուր զինյալ արշավանքին միացած՝ կտրել-անցել էր ծովը։ Եվ մի անգամ, երբ նրա քաջության մասին խոսք եղավ Փիլիպոս Ծուռտիկի արքունիքում, որը Ֆրանսիայում նույնպես պատրաստվում էր միանալու այդ արշավանքին, ինչ-որ մի ասպետ ասաց, թե երկնակամարի տակ դժվար է գտնել ուրիշ այնպիսի մի զույգ, ինչպիսին են դուքսն ու իր կինը, որովհետև որքան դուքսը ասպետների մեջ հռչակված է իր քաջագործություններով, նույնքան նրա կինը հայտնի է որպես աշխարհիս ամենագեղեցիկ ու արժանավոր կինը։ Ասպետի ասածն այնքան խորապես ազդեց ֆրանսիացոց թագավորի վրա, որ նա, երբեք այդ կնոջ երեսը տեսած չլինելով, հանկարծ բոցակեզ սեր զգաց նրա նկատմամբ և որոշեց Ջենովայում ոտք դնել արշավանքի համար հարդարված նավերը, որպեսզի բարեպատեհ առիթ ունենա այցելելու դքսուհուն՝ մտածելով, թե քանի որ դուքսը տանը չէ, ապա ինքը հնարավորություն կունենա ի կատար ածելու իր ցանկությունը։ Եվ ինչպես խորհել էր, այնպես էլ արեց, որովհետև բոլորին նախապես ուղարկելով՝ նա պալատականների մի ոչ մեծ շքախմբով ճանապարհ ընկավ և, մոտենալով դքսության սահմաններին, տեղ հասնելուց մի օր առաջ դքսուհուն իմաց տվեց, որ նա հաջորդ օրն առավոտյան իրեն ճաշի սպասի։ Դքսուհին, որ խելոք ու կռահող կին էր, պատվիրեց սիրալիր պատասխանել, թե նրա այդ շնորհն իր համար բարձր է ամենայն բանից, և թե թագավորը կլինի իր ցանկալի հյուրը։ Այնուհետև սկսեց մտածել, թե ինչն է պատճառը, որ այդպիսի մի թագավոր պատրաստվում է իրեն այցելել ամուսնու բացակայության ժամանակ, և նա չսխալվեց՝ ենթադրելով, որ թագավորին իր մոտ բերել է իր գեղեցկության համբավը։ Այնուհանդերձ, որպես խելոք կին, որոշեց նրան ընդունել պատվով և, կանչել տալով տանը մնացած տոհմիկ անձանց, նրանց հետ խելք-խելքի տալով, կարգադրեց պատրաստել ինչ որ հարկավոր էր։ Բայց ինչ վերաբերում էր ճաշին և ճաշամթերքին, ցանկացավ դա հոգալ անձամբ․ հրամայելով իսկույն ևեթ բռնել ու բերել շրջակայքում եղած բոլոր հավերը՝ նա իր խոհարարին պատվիրեց թագավորական սեղանի կերակուրները պատրաստել միմիայն հավի մսից։ Եվ ահա նշանակված օրը թագավորը ներկայացավ և նրա կողմից ընդունվեց մեծ շուքով ու պատվով։ Երբ թագավորը տեսավ նրան, ապա տիկինը նրան թվաց ավելի գեղեցիկ, արժանավոր ու սիրալիր, քան նա պատկերացրել էր՝ ըստ ասպետի պատմածի, և նա խիստ հիացած էր նրանով ու գովում էր անվերջ և որքան ավելի էր համոզվում, որ դքսուհին գերազանց է նրա մասին ունեցած իր պատկերացումից, այնքան ավելի էր բորբոքվում նրա ցանկությունը։ Երբ նա փոքր–ինչ հանգստացավ այն սենյակներում, որ զարդարված ու հարդարված էին այն ամենով, ինչ վայել էր նրա նման մի թագավորի ընդունելու համար, և երբ հասավ ճաշելու ժամը, թագավորն ու դքսուհին նստեցին մի սեղանի շուրջ, իսկ մյուսներին, ըստ յուրաքանչյուրի կոչման, պատվեցին այլ սեղանների մոտ։ Բազմաթիվ կերակուրները, որ մատուցվում էին իրար ետևից, ընտիր ու թանկագին գինիները մեծ բավականություն պատճառեցին թագավորին, որը մերթ ընդ մերթ հաճույքով նայում էր գեղասքանչ տիկնոջը։ Այնուամենայնիվ երբ կերակուրներն սկսեցին իրար հաջորդել, թագավորը զարմացավ՝ տեսնելով, որ թեև կերակուրները բազմատեսակ էին, բայց բոլորն էլ պատրաստված էին հավի մսից։ Թագավորին լավ հայտնի էր, որ այդ վայրը, ուր գտնվում էր ինքը, հարուստ էր որսի զանազան կենդանիներով, և որ ինքը, տիկնոջը նախապես հայտնած լինելով իր գալստյալ մասին, նրան ժամանակ ու հնարավորություն էր տվել ծառաներին որսի ուղարկելու։ Այնուամենայնիվ թեև խիստ զարմացած էր, որոշեց տիկնոջն իր սերը հասկացնել միայն այդ հավերի մասին խոսելով։ Եվ դեմքի ուրախ արտահայտությամբ դիմելով դքսուհուն՝ նա ասաց․«Մի՞թե այս երկրում հավերն առանց աքաղաղի են լինում»։ Դքսուհին շատ լավ հասկացավ հարցի իմաստը և գտնելով, որ արարիչն ինքն է պարգևել իր մտքերն արտահայտելու այդ պատեհ առիթը, ասաց․«Ո՛չ, տեր ի՛մ, բայց այստեղի կանայք, որոնք թեև մյուսներից փոքր-ինչ տարբերվում են իրենց հագուստով ու պատվով, ստեղծված են ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես մյուս տեղերի կանայք»։ Լսելով այդ՝ թագավորը լավ հասկացավ հավերից ճաշ պատրաստելու նպատակը և դքսուհու խոսքերի թաքուն իմաստը և համոզվեց, որ այդպիսի կնոջից բան սպասելն իզուր է և բռնությունն էլ անիմաստ, որ ինքը, թեթևամտորեն սիրահարված լինելով, այժմ խելոք ու ազնիվ բան արած կլինի, եթե հանգցնի իր սրտում բորբոքված բոցը, որը լավ բան չի խոստանում։ Դքսուհու պատասխանների ահից չշարունակելով իր կատակախոսությունը՝ նա ճաշում էր՝ արդեն ամեն մի հույսից ձեռք քաշած։ Ճաշն ավարտելուց հետո նա, ցանկանալով շտապ կոծկել իր այցելության անպարկեշտ նպատակը, դքսուհուն շնորհակալություն հայտնեց ցույց տրված պատիվների համար և, նրան Աստծո ողորմածությանը հանձնելով, ճանապարհ ընկավ դեպի Ջենովա։ ==='''ՆՈՎԵԼ ՎԵՑԵՐՈՐԴ'''=== ''Մի ոմն հավատացյալ իր դիպուկ խոսքով մերկացնում է հոգևորականների երեսպաշտությունը'' Երբ բոլորը գովեցին դքսուհու առաքինությունը և այն լավ ու անմոռանալի դասը, որ նա տվել էր Ֆրանսիայի թագավորին, այնժամ Եմիլիան, որը նստած էր Ֆիամետտային կողքին, թագուհու բարեհաճությամբ համարձակորն այսպես սկսեց իր պատմությունը․ —Ես էլ իմ կողմից կպատմեմ, թե ինչպես մի արժանավոր հավատացյալ մի ժլատ վանականի խայթել է նույքան զվարճալի, որքան և գովեստի արժանի խոսքով։ Շատ ժամանակ չի անցել, ո՜վ սիրելի օրիորդներ, որ մեր քաղաքում ապրում էր մի ոմն միաբան, մերօրյա պիղծ հերետիկոսությունը հետապնդող մի ինկվիզիտոր, որը թեև ջանում էր, ինչպես նրանք բոլորն են անում, քրիստոնեական հավատի ջանադիր սիրահար և սուրբ երևալ, միաժամանակ տռուզ քսակ ունեցողներին հետաքննում էր ոչ պակաս վարպետությամբ, քան հավատի մեջ թերացողներին։ Եվ ահա իր այդ եռանդուն գործունեության ընթացքում մի անգամ նա հանդիպեց մի օրինավոր մարդու, որն ավելի շատ փող ուներ, քան խելք և որը ոչ թե թերահավատ էր, այլ պարզապես հարբած լինելու պատճառով մի անգամ իր բաժակակիցների մոտ բերնից մի անզգույշ խոսք էր թռցրել, թե իբր իր գինին այնքան լավն է, որ Քրիստոսն անգամ սիրով կխմեր։ Երբ նրա ասածը հասցրել էին ինկվիզիտորի ականջը, ապա սա, տեղեկանալով, որ այդ մարդը ընդարձակ կալվածքներ և տռուզ քսակ ունի, cum gladiis et fustibus և մեծ աճապարանքով սկսեց նրա դեմ շատ խիստ մեղադրանք նյութել՝ նպատակ ունենալով ոչ թե նեղադրյալի անհավատությունը նվազեցնել, այլ իր բուռը ֆլորիններով լցնել, ինչպես և արեց իրականում։