Changes
/* Մի պտոյտ քաղաքում */
== Մի պտոյտ քաղաքում ==
Առաւօտը շատ վաղ ջինրիկիշաները արդէն խմբւել էին լուսամուտների տակ, ուշադիր մեր դուրս գալուն, և հէնց որ երևացինք դռների մէջ, նրանք ուրախ վազ տւին դէպի մեզ, իրար առաջը կտրելով։
Առանց վարանումի չէր, որ մենք տեղի տւինք նրանց խնդրանքին ու հեծանք թեթև կառքերը։
Ջինրիկիշաները իսկույն հանգստացան․ սրբւեց նրանց դէմքից պաղատանքի արտայայտութիւնը, և մեզ մի թեթև ու խնամածու ժպիտ ձօնելով՝ աշխոյժ լծւեցին ու առաջ վազեցին։
Աջ ու ձախ երևում ու աչքից կորչում էին չինացի դերձակների ու կօշկարարների աշխատանոցները իրենց ցուցանակներով և այլ այդ կարգի ուրիշ խանութներ, որոնք ծառայում են եւրոպացիների պէտքերին։ Չինացիք շատ վարժ եւրոպական շորեր են կարւում, ճարպիկ կերպով յարմարւելով մեր ճաշակին ու տարազին, որ նրանց համար այդքան խորթ է։
Այդ տեսակէտից առանձին յաջողութիւն ունեն կնոջ հագուստ կարողները, այնպէս որ եւրոպուհիք յօժարութեամբ դրանց են յանձնում իրանց արդուզարդը։
Ուրախ է կեանքը եւրոպական թաղում։
Անթիւ գարեջրատների բաց դռներից դուրս են խուժում հարբած երաժիշտների հնչիւնները, որի չափի տակ զւարթ պարում են գլուխները տաքացած օտարազգի նաւաստիները։
Մենք արագ անցանք կամրջով այն բազմաթիւ ջրանցքներից մէկը, որոնց ցանցի պէս կտրտում են քաղաքը, և մրանք արդէն զուտ ճապոնական մասը։
Մի վայրկեան ամեն բան շուրջդ խաղալիքի տպաւորութիւն է անում, ամեն֊ինչ այնքան մանր է ու փոքրադիր։ Փողոցը այնպէս նեղ է, որ եթե պատահմամբ եւրոպական մի կառք ներս մտնէր, կը խցէր ամբողջ փողոցի շարժումը․ էլ ի՛նչ ասել կուզի, րո շուռ տալ բացարձակապէս կարող չէր լինի։ Ինչքան էլ շատ փոքր լինէին մեր կառքերը, նորից ստիպւած էինք իրար ետևից գնալու, ոտքով գնացողների ճամփան չըփակելու համար։ Սակայն փողոցը ոչ մութ էր թւում, ոչ էլ մռայլ շնորհիւ շէնքերի ցածութեանը։ Տները բոլորն էլ անխտիր երկյարկանի են, կղմինդրէ միօրինակ թեք կտուրներով և բամբուկի բարակ պատերով։ Ցածի յարկում զետեղւած է լինում խանութը կամ արհեստանոցը, վերևում ապրում է տէրը։ Ընդհանուր տպաւորութիւնը մօտաւորապէս նոյնն է, ինչ որ ասիական բազարը Կովկասում։ Այստեղ էլ չկան արտաքին պատեր, այստեղ էլ ապրանքը դարսւած է դուրսը։ Ամեն ինչ բաց է, ամեն ինչ մատչելի ցանկացողի աչքին։ Հիմնական մեծ տարբերութիւնն այն է, որ այստեղ հետք անգամ չկայ ասիական համբաւաւոր անկարգութեան ու կեղտի։
Շուրջդ ամեն բան փայլում է մաքրութիւնից։ Շէնքերը այնպէս սեղմ ու անընդհատ կցւած են իրար, որ մարդ ակամայ սարսափում է, մտածելով, թէ ի՛նչ է լինելու քաղաքը, եթէ յանկարծ հրդեհ ընկնի։ Ի՜նչ ճարակ կայ այստեղ բոցերին։ Կարտոնի նման բարակ տները չոր յարդի պէս մի վայրկեանում կայրւեն։ Բայց իսկապէս հրդեհը այնքան էլ մեծ ու յաճախ չի լինում այստեղ համեմատաբար։ Ճապոնացին կրակի հետ չափազանց զգոյշ է։
Նա երբէք գիշերը չի թողնի նաւթի լամպը վառ, այլ միայն իւղի կանթեղը, որ հեշտ է յանգչում։
Բացի այդ, իր թանկագին իրերը նա միշտ պահում է տան կից մի փոքրիկ քարաշէն մասում։
Իսկ հրդեհի ժամանակ նրանք խմբովին օգնութեան են վազում այրւող տան ներս․ վերջն էլ օգնում են հրկիզեալին, ընդհանուր օժանդակութեամբ նրա համար մի նոր տուն գնելով։
Տները խիստ էժան են և ծախւում են պատրաստ․ նրանց թեթևութեան ու կազմի պարզութեան պատճառով հեշտ է և տեղափոխելը։
Փողոցը լի է կեանքով։
Փափուկ գետնի վրայով արագ սլանում են ճարպիկ ջիները, քաշելով իրանց փոքրիկ կառքերի մէջ մի կոկետ ճապոնուհու կամ տուրիստների մի ամբողջ շարք։
Անց է կենում մանրավաճառը, կրելով իր ուսին՝ փայտից կախած զամբիւղները, որոնք լիքն են ամեն տեսակ բանջարեղէնով, պտուղով կամ ձկնով։
Փողոցում անասուն գրեթէ չես տեսնի։ Սակաւ, շատ սակաւ է հանդիպում մի ձի կամ եզ, սմբակները յարդով կապած պայտի փոխարէն։ Տիրոջ ցոյց տւած մեծ հոգածութիւնից պարզ երևում է, որ նրանք մի առօրեայ երևոյթ չեն ճապոնացու կեանքում։
Ահա մի փոքրիկ աղջիկ անփոյթ կերպով իր լայն գօտու մէջ տանում է փոքրիկ եղբօրը, որը հանգիստ նիրհում է նրա մէջքին․ մինչդեռ աղջիկը հետաքրքրութեամբ կանգ է առնում գոյնզգոյն ապակէ գնդակների դէմ, որ ծախու է դրել փողոցում թափառական մանրավաճառը։
Երիտասարդ ճապոնուհիները մանր քայլերով զգոյշ անց են կենում, իրանց բարձր փայտէ կօշիկները շարունակ թխթխկացնելով։ Նրանց մուգ սև մազերի գեղեցիկ շինեօնը հիւսւած է կօրալներով․ գլխարկ երբէք չկայ․ պաշտպանւում են արևից ու անձրևից իրանց տարօրինակ ու գեղեցիկ հովանոցներով։ Հագի կիրիմօնը (խալաթ) գրկում է ճապո
== Ճապոնական բարքերից ==
== Դէպի Ունզէն ==