Changes

Հեքլբերի Ֆիննի արկածները

Ավելացվել է 370 838 բայտ, 16:00, 26 Հունվարի 2016
/* Գլուխ քառասունմեկերորդ */
Ես այդպես սպասեցի մինչև իրիկնային աղմուկը դադարեց, իսկ առավոտյան աղմուկը դեռ չէր սկսվել։ Սանդուղքով ցած իջա։
 
 
==Գլուխ քսանյոթերորդ==
 
 
Ես սողալով հասա նրանց դռների մոտ և ականջ դրի։ Խռմփում էին։ Ոտքերի մատների վրա շարժվելով՝ բարեհաջող իջա ներքնահարկը։ Ոչ մի տեղ ձայն չկար։ Ճաշարանի դռան մի ճեղքից գաղտագողի նայեցի սրահը և տեսա, որ դիակի մոտ նստած բոլոր մարդիկ խոր քնել են իրենց աթոռների վրա։ Հյուրասենյակի դուռը բաց էր․ ներսում դրված էր դիակը։ Երկու սենյակներում էլ վառվում էին մեկական մոմ։ Ես մտա հյուրասենյակը․ ոչ ոք չկար այնտեղ, բացի Պիտերի աճյունից։ Շարժվեցի առաջ, բայց մուտքի դուռը փակ էր, և բանալին էլ վրան չէր։ Այդ պահին լսեցի ոտնաձայն։ Ինչ֊որ մեկն իմ թիկունքում վերևից ներքև էր իջնում։ Վազեցի հյուրասենյակը և արագ նայեցի շուրջս։ Միակ տեղը, ուր կարելի էր ոսկու տոպրակը թաքցնել, դագաղն էր։ Կափարիչը մոտ մեկ ոտնաչափ ցած էին քաշել, որպեսզի մարդիկ տեսնեին հանգուցյալի դեմքը։ Երևում էին գլխին փռած թաց շորը և պատանը։ Տոպրակը կախեցի կափարիչի տակ, այնտեղ, ուր ձեռքերն էին ծալված։ Դրանց դիպչելիս մարմինս փշաքաղվեց․ այնպե՜ս սառն էին։ Փախա, այնտեղից ու թաքնվեցի դռան ետևում։
 
Եկողը Մերի Ջեյնն էր։ Նա կամացուկ մոտեցավ դագաղին և ծնկի իջած՝ նայեց։ Ապա թաշկինակը բռնեց աչքերին և լաց եղավ։ Ես չէի լսում ձայնը․ միայն թիկունքն էի տեսնում։ Դուրս ծլկեցի և ճաշասենյակով անցնելիս մտածեցի, թե արդյո՞ք դիակի մոտ նստածներից ոչ մեկն ինձ չտեսավ։ Դռան ճեղքից նայեցի ներս։ Ամեն ինչ խաղաղ էր։ Նրանք տեղից չէին շարժվել։
 
Ես անկողին մտա ընկած տրամադրությամբ։ Պատճառն այդ ձևով խաղացած իմ դերն էր, այն էլ այդքան չարչարվելուց ու այդպիսի վտանգի ենթարկվելուց հետո։ Ինքս ինձ ասում էի․ եթե տոպրակը մնար այնտեղ, ուր դրել էի, շատ լավ կլիներ, որովհետև երբ մենք գետով հարյուր կամ երկու հարյուր մղոն իջնենք ներքև, կարող եմ գրել Մերի Ջեյնին։ Նա կարող է քանդել գերեզմանը և վերցնել դրամը։ Բայց այդպես չի պատահի․ դրամը կգտնեն դագաղի կափարիչն ամրացնելիս։ Այդ դեպքում տոպրակը նորից կընկնի թագավորի ձեռքը, և երկար ժամանակ կպահանջվի, մինչև նա թույլ կտա, որ որևէ մեկը դա թռցնի իրենից։ Իհարկե, ես նորից ուզում էի ցած իջնել, դրամը դուրս բերել, բայց չէի համարձակվում։ Րոպե առ րոպե առավոտը մոտենում էր։ Շուտով պահապաններից մի քանիսը կսկսեին շարժվել, և ես, վեց հազար դոլարը ձեռքիս, կարող էի բռնվել, այն դեպքում, երբ ոչ ոք ինձ չէր վարձել, որ հոգ տանեմ դրամի մասին։
 
Առավոտյան, երբ իջա ներքև, հյուրասենյակի դուռը փակ էր։ Պահապանները գնացել էին։ Ոչ ոք չկար, բացի ընտանիքի անդամներից, այրի Բարթլիից և մեր խմբից։ Ես նայում է նրանց դեմքերին տեսնելու, թե որևէ բան պատահե՞լ է, բայց ոչինչ չկռահեցի։
 
Օրվա կեսին եկավ թաղման բյուրոյի պետը իր մարդկանցով։ Նրանք դագաղը դրեցին սենյակի կենտրոնում, երկու աթոռի վրա, իսկ մեր աթոռները շարեցին սրահում, հարևաններից էլ բերեցին աթոռներ, մինչև սրահում և ճաշասենյակում այլևս ազատ տեղ չմնաց։ Ես նկատեցի, որ դագաղի կափարիչը նախկին դիրքում է, բայց մարդկանց ներկայությունը թույլ չէր տալիս, որ գնայի, նայեի դրա տակը։
 
Բազմությունը հավաքվեց։ Խաբեբաներն ու աղջիկները նստեցին առաջին շարքում, դագաղի գլխավերևը։ Կես ժամ մարդիկ շարքով, դանդաղաքայլ անցան դագաղի մոտով, մի րոպե նայելով հանգուցյալի դեմքին։ Մի քանիսի աչքերից արցունքներ էին գլորվում։ Ամեն ինչ խաղաղ էր ու հանդիսավոր, միայն աղջիկներն ու խաբեբաներն էին աչքերը ծածկել թաշկինակներով և գլուխները խոնարհած՝ երբեմն հեկեկում էին։ Ոչ մի ձայն չէր լսվում, բացի ոտքերի քստքստոցից և խնչոցներից, քանի որ մարդիկ միշտ ավելի շատ են քիթ սրբում հուղարկավորությունների ժամանակ, քան որևէ այլ տեղում, բացի եկեղեցուց։
 
Երբ տունը լցված էր մարդկանցով, թաղման տնօրենը սև ձեռնոցներ հագած, մեղմաբարո և քաղաքավարի պտտվեց դագաղի շուրջը, վերջին անգամ հետևելով, որ ամեն ինչ կարգին լինի։ Նա նույնքան անաղմուկ էր քայլում, որքան կատուն։ Երբեք չէր խոսում։ Մարդկանց տեղավորելը, ուշացածներին մի կերպ ներս խցկելը, ճանապարհ բաց անելը, ամեն ինչ կատարում էր գլխի շարժումներով ու ձեռքի նշաններով։ Ապա նա գրավեց իր տեղը պատի մոտ։ Ես իմ կյանքում այդքան սուսուփուս, աննշմար, հաճոյացող մարդ չէի տեսել։ Նա նույնքան անժպիտ էր, որքան խոզի ապխտած ազդրը։
 
Նրանք ծանոթներից բերել էին փչացած մի երգեհոնիկ, և երբ ամեն ինչ պատրաստ էր, մի երիտասարդ կին նստեց ու նվագեց։ Ճռնչոցն ու նվնվոցն անպակաս էին։ Բոլորը միացան նվագին ու երգեցին։ Իմ կարծիքով միայն Պիտերն էր, որ հանգիստ էր։ Ապա արժանապատիվ Հոբսոնը դանդաղ ու հանդիսավոր կերպով գործի անցավ և խոսեց։ Նա դեռ նոր էր սկսել, երբ ներքնահարկից լսվեց սարսափելի, անլուր մի վայնասուն։ Դա միայն մի շուն էր, բայց կարծես մի ամբողջ ոհմակ լիներ։ Հաչոցը չէր դադարում։ Քահանան ստիպված եղավ լռել և սպասել դագաղի կողքին։ Ոչինչ հնարավոր չէր լսել, մարդ նույնիսկ իր մտքի թելն էր կորցնում։ Չափազանց անհարմար վիճակ էր, և ոչ ոք չգիտեր՝ ինչ անել։ Շուտով մարդիկ տեսան, որ թաղումը կազմակերպող երկարասրունք մարդը ձեռքով ինչ֊որ բան է հասկացնում քահանային։ Կարծես ուզում էր ասել․ «Մի անհանգստացեք, հույսներդ դրեք ինձ վրա»։ Նա պատի տակով շարժվեց դեպի դուրս կռանալով այնքան, որ մարդկանց գլխավերևից միայն ուսերն էին երևում։ Մինչ նա գնում էր, շան հաչոցն ավելի ու ավելի կատաղի էր դառնում։ Վերջապես անցնելով սենյակի երկու պատերի տակով, դուրս եկավ և իջավ նկուղ։ Քիչ անց լսեցինք ուժեղ հարվածի ձայն, և շունը խլացուցիչ կաղկանձից հետո հանդարտվեց։ Նորից տիրեց մեռելային լռություն։ Քահանան վերսկսեց իր հանդիսավոր ճառը։ Մեկ֊երկու րոպե հետո վերադարձավ թաղման տնօրենը, նորից ուսերը սահեցնելով պատերի երկայնքով։ Եվ նա, կուչ եկած, այդպես սահեց սենյակի երեք կողմով ու կանգ առավ և, ձեռքերը ձագարաձև պահելով բերանի դեմը, վիզը մարդկանց գլխավերևով երկարացնելով դեպի քահանան, խռպոտ շշնջյունով ասաց․ «Շունը առնետ էր բռնել»։ Ապա նա նորից խոնարհվեց ու նորից պատի տակով գնաց իր տեղը։ Կարելի էր նկատել, որ այդ լուրը մեծ գոհունակություն պատճառեց մարդկանց, որովհետև բնականորեն նրանք ուզում էին եղածն իմանալ։ Նման փոքրիկ մի բան իմանալը ծախս չի պահանջում, բայց հենց այդ փոքրիկ բաներն են, որ գրավում են հասարակության ուշադրությունը և համակրանք ստեղծում։
 
Այդ ավանում թաղման տնօրենից ավելի ժողովրդական մարդ չկար։
 
Դամբանական ճառը շատ լավ էր, բայց Պիսոնի<ref>Եդեմի գետերից մեկը։ Ծ․ թ․։</ref> չափ երկար էր ու ձանձրալի։ Թագավորը չհամբերելով՝ ելույթ ունեցավ և դուրս տվեց իր սովորական անհեթությունները։ Վերջապես ծիսակատարությունն ավարտվեց, և թաղման տնօրենն իր պտուտակիչով մի պտույտ կատարեց դագաղի շուրջը։ Քրտինքը պատել էր ինձ․ ես լարված ուշադրությամբ նայում էի։ Բայց նա բոլորովին չխառնեց դագաղը, միայն կափարիչը տնտղեց ու պտուտակներով ամրացրեց։ Այժմ ինձ մի այլ բան էր անհանգստացնում․ չգիտեի, դրամը դագաղո՞ւմ է, թե՞ ոչ։ Ենթադրենք, ասացի մտքումս, թե մեկը տոպրակն այնտեղից վերցրել է, այժմ ինչպես որոշեմ, գրե՞մ Մերի Ջյենին, թե՞ ոչ։ Ասենք, թե նա նորից բացում է գերեզմանը և ոչինչ չի գտնում, այդ դեպքում ի՞նչ կմտածի իմ մասին։ Գրողը տանի, ասացի ինքս ինձ, այդ դեպքում կհետապնդեն ինձ և կբանտարկեն։ Ավելի լավ է՝ ձայնս կտրեմ և այդ հարցը թողնեմ մութ․ իբր թե ոչինչ չգիտեմ։ Այժմ իրերի դրությունը սարսափելիորեն խառն է։ Փորձեցի լավացնել այն, բայց հազար անգամ ավելի վատացրի, և լավն այն կլիներ, որ բոլորովին չխառնվեի։ Գործը ամբողջովին տանուլ էր տրված։
 
Պիտերին թաղեցին, և մենք վերադարձանք տուն։ Ես շարունակեցի նայել նրանց դեմքերին, բայց իզուր, հանգստանալ չէի կարող, դեմքերն ինձ ոչինչ չէին ասում։
 
Երեկոյան թագավորն այցելեց բոլորին, բոլորի սիրտը շահեց, ձևացավ իսկական բարեկամ։ Միաժամանակ հասկացրեց, որ Անգլիայում իր միաբանությունը կանհանգստանա, ուստի ինքը պետք է շտապի վերջացնել ունեցվածքի ժառանգության հարցը և վերադառնա Անգլիա։ Նա շատ էր ցավում, որ այդպես շտապում է։ Ցավում էին և բոլորը։ Ուզում էին, որ կարողանար ավելի երկար մնալ, բայց տեսնում էին, որ դա հնարավոր չէ։ Նա հայտարարեց, թե, իհարկե, ինքն ու Վիլյամն աղջիկներին կտանեն իրենց հետ։ Այդ բանը բոլորին դուր եկավ, որովհետև այդ դեպքում աղջիկները լավ տեղավորված կլինեին և կապրեին հարազատների մոտ։ Այս բանը շատ հաճելի էր նաև աղջիկների համար։ Այնպես էին ուրախացել, որ մոռացել էին, թե իրենք աշխարհում երբևէ վիշտ են ունեցել։ Նրանք թագավորին ասացին, որ հնարավորության չափ շուտ վաճառի ամեն ինչ, իսկ իրենք կպատրաստվեն ճանապարհ ընկնելու։ Խեղճ արարածներն այնպես ուրախ ու երջանիկ էին զգում իրենց, որ սիրտս ցավում էր, տեսնելով, թե նրանք որքան խաբված են ու կողոպտված։ Բայց միջամտելու ու ընդհանուր խաղը փոխելու ոչ մի ապահով միջոց չէի տեսնում։
 
Անիծվեմ ես, եթե թագավորը թաղումից հետո չհայտարարեց տունը, նեգրերին ու ամբողջ գույքը հրապարակային աճուրդում վաճառելու մասին, որը տեղի էր ունենալու երկու օր հետո, բայց անհատապես էլ որևէ մեկը կարող էր գնել, եթե ցանկանար։
 
Թաղման հաջորդ օրը մոտավորապես կեսօրին աղջիկների ուրախությունն ստացավ առաջին հարվածը։ Եկան նեգրերի առևտրով զբաղվող երկու հոգի, և թագավորը լավ գնով վաճառեց նեգրերին, երեք օրում վճարվող չեկի պայմանով, ինչպես սահմանված էր։ Եվ այդ մարդիկ գնացին, երկու նեգր տղաներին իրենց հետ տանելով գետն ի վեր՝ Մեմֆիս, իսկ նրանց մորը՝ ներքև՝ Նոր Օռլեան։ Ես մտածում էի, որ խեղճ աղջիկների և նրանց նեգրերի սիրտը վշտից կտոր֊կտոր կլինի։ Նրանք վերջին անգամ գրկախառնվելով՝ լաց էին լինում, արտահայտելով այնպիսի կսկիծ, որ ես նայելիս շատ հուզվեցի։ Աղջիկներն ասում էին, որ իրենց մտքով երբեք չի անցել, թե այդ ընտանիքը կտեսնեն այդպես բաժանված ու վաճառված քաղաքից դուրս։ Ես երբեք չեմ կարող իմ հիշողությունից դուրս հանել այդ տեսարանը։ Խեղճ, թշվառ աղջիկները և նեգրերն իրար պարանոցից կախված՝ արտասվում էին։ Ես չէի կարողանա տանել այդ բանը և կմատնեի այդ մարդկանց, եթե չիմանայի, որ վաճառքն ապօրինի, և նեգրերը մեկ֊երկու շաբաթում կվերադառնան իրենց տեղը։ Այդ վաճառքը մեծապես հուզեց նաև ավանի բնակիչներին, և շատերը վճռականորեն բողոքեցին, ասելով, որ խայտառակություն է մորն ու երեխաներին իրարից այդպես բաժանելը։ Դա որոշ չափով վնասեց մեր խարդախներին, բայց ծերուկ հիմարը ջանում էր շահավետ գնով վաճառել, հաշվի չառնելով ոչ մի բան, որը կարող էր դուքսն ասել կամ անել։ Պետք է ասել, որ դուքսը շատ անհանգիստ էր։
 
Հաջորդ օրն աճուրդն սկսվելու էր։ Առավոտյան, երբ լույսը բացվեց, թագավորն ու դուքսը եկան ձեղնահարկը և արթնացրին ինձ․ նրանց նայվածքից ես հասկացա, որ տհաճ բան կա։ Թագավորն ասաց․
 
― Երեկ չէ մյուս օրը երեկոյան եղե՞լ ես իմ սենյակում։
 
― Ոչ, ձերդ մեծություն (ես միշտ այդպես էի ասում նրան, երբ, մերոնցից բացի, ոչ ոք չէր լինում մեզ մոտ)։
 
― Երեկ ցերեկը կամ այս գիշե՞ր էլ չես եղել։
 
― Ոչ, ձերդ մեծություն։
 
― Ազնիվ եղիր, սուտ չասես։
 
― Ազնիվ խոսք, ձերդ մեծություն։ Ճիշտ եմ ասում։ Ես ձեր սենյակի մոտ չեմ եկել սկսած այն ժամանակից, երբ միսս Մերի Ջյենը ձեզ և դքսին տարավ վեր և ցույց տվեց սենյակը։
 
Դուքսն ասաց․
 
― Ոչ ոքի չե՞ս տեսել այնտեղ մտնելիս։
 
― Ոչ, ձերդ պայծառափայլություն, որքան հիշում եմ, չեմ տեսել, հավատացած եմ։
 
― Հապա լա՛վ մտածիր։
 
Ես մի պահ մտածեցի՝ տեսնելու, թե ինչ ընտրություն կարելի է անել, ապա ասացի․
 
― Մի անգամ տեսել եմ նեգրերին այնտեղ մտնելիս։
 
Նրանք երկուսն էլ մի փոքր շարժվեցին տեղում, այնպիսի տեսք ստանալով, կարծես երբեք չէին սպասում նման բան, միաժամանակ ցույց տալով, թե դա անսպասելի չէ։ Ապա դուքսն ասաց․
 
― Ինչպե՞ս, բոլորը միասի՞ն։
 
― Ոչ, ո՛չ բոլորը միասին․․․ այսինքն՝ չեմ կարծում, թե երբևէ տեսել եմ բոլորին միանգամից այնտեղից դուրս գալիս, միայն մի անգամ․․․
 
― Հապա՛, հապա՛։ Այդ ե՞րբ էր։
 
― Դա հուղարկավորության օրն էր, առավոտյան։ Այնքան էլ վաղ չէր, ես երկար էի քնել։ Աստիճաններով ներքև էի իջնում և տեսա նրանց։
 
― Լավ, շարունակիր, շարունակիր։ Ի՞նչ էին անում, ինչպե՞ս էին իրենց պահում։
 
― Ոչինչ չէին անում։ Առանձին ձևացումներ, որքան հիշում եմ, չտեսա։ Նրանք ոտքերի մատների վրա քայլելով հեռացան։ Այնպես որ ես բավական պարզ տեսա, որ նրանք, ըստ երևույթին, գնացել էին կարգի բերելու ձերդ մեծության սենյակը կամ նման մի բան անելու, ենթադրելով, որ դուք վեր եք կացել։ Բայց գտնելով, որ դուք դեռ քնած եք, առանց ձեզ արթնացնելու դուրս են եկել, թեև արդեն չէին արթնացրել ձեզ։
 
― Ա՛յ քեզ փորձանք, ― ասաց թագավորը, և նրանք երկուսն էլ բավական վատ, տխմարացած տեսք ունեին։ Մի րոպե նրանք կանգնած՝ մտածում ու գլուխներն էին քորում։ Ապա դուքսը պոռթկաց մի տեսակ զայրացկոտ ծիծաղով և ասաց․
 
― Ա՜յ թե հնարամիտ էին։ Այդ նեգրերը ի՜նչ հիանալի խաղացին իրենց դերը։ Այնպես էին ձևացնում, թե շատ են ցավում, որ այստեղից գնում են և մենք էլ՝ ես, դուք, ամեն ոք, հավատացած էինք, թե իսկապես ցավում են։ Այլևս չասեք, թե նեգրը չունի շինծու, կեղծ վիշտ ցույց տալու տաղանդ։ Այն եղանակը, որով նրանք խաղացին այդ դերը, ում ասեք կհիմարացներ։ Իմ կարծիքով, դրանք հարստության աղբյուր են։ Եթե ես ունենայի դրամագլուխ և թատրոն, ցուցադրելու համար սրանից ավելի լավ բան չէի ուզենա։ Իսկ մենք վաճառեցինք չափազանց չնչին գնով և այդ չնչին գինն էլ չենք ստացել։ Ասա, որտե՞ղ է այդ վճարի չեկը։
 
― Բանկում, ժամկետին է սպասում, որտեղ պիտի լինի։
 
― Լավ, այդ դեպքում լավ, փառք աստծո։
 
Ես մի տեսակ երկչոտությամբ հարցրի․
 
― Բա՞ն է պատահել։
 
Թագավորը խոյացավ ինձ վրա ու բղավեց․
 
― Քո գործը չէ, լեզուդ քե՛զ քաշիր և գործիդ կաց, եթե գործ ունես։ Քանի դեռ այս ավանում ենք, չմոռանաս, լսո՞ւմ ես։
 
Ապա ասաց դքսին․
 
― Մենք պետք է կուլ տանք այդ և ոչինչ չասենք․ լեզուներս պիտի ներս քաշենք, ուրիշ ոչինչ։
 
Մինչ նրանք իջնում էին աստիճաններով, դուքսը քրքջաց և ասաց․
 
― Շտապ վաճառք և չնչին օգուտ։ Լավ գործ է, չէ՞։
 
Թագավորը խեթ֊խեթ նայեց և ասաց․
 
― Ես աշխատում էի լավագույն ձևով գլուխ բերել գործը, երբ այդպես շտապում էի վաճառել դրանց։ Եթե օգուտը չնչին եղավ, և կորուստն էլ մեծ, ապա դրանում դուք նույնքան մեղավոր եք, որքան ես։
 
― Լավ, եթե իմ խորհրդին հետևեիք, նեգրերը դեռ այստեղ կլինեին, իսկ մենք՝ գնացած։
 
Թագավորը հայհոյեց, թեև այնպես չափավոր, որ իրեն չվնասեր, ապա նայեց շուրջն ու աչքերը չռեց վրաս։ Նա ինձ խիստ հանդիմանեց, որ չէի գնացել, հայտնել իրեն, թե նեգրերի եմ տեսել իր սենյակից դուրս գալիս և մատների վրա կամացուկ քայլելիս։ Ասաց, որ ամեն հիմար էլ դրանից մի բան կհասկանար։ Մի պտույտ գործեց ու սկսեց ինքն իրեն հայհոյել, ասելով, որ այդ ամբողջը արդյունք է այն բանի, որ ինքն ուշ է անկողին մտել, առավոտյան իր բնական հանգիստը չի առել և անիծվի ինքը, եթե մեկ էլ նման սխալ կրկնի։ Նրանք հեռացան հայհոյելով, իսկ ես անչափ ուրախ էի, որ կարողացա մեղքը նեգրերի վրա բարդել, առանց նրանց որևէ վնաս տալու։
 
 
==Գլուխ քսանութերորդ==
 
 
Շուտով վեր կենալու ժամանակը եկավ։ Ես աստիճաններով իջա ներքևի հարկը։ Երբ անցա աղջիկների սենյակի մոտով, դուռը բաց էր, և ես տեսա Մերի Ջեյնին իր սնդուկի մոտ նստած, որը բաց էր, և նա իրեր էր դասավորում, պատրաստվելով մեկնել Անգլիա։ Միայն թե այդ պահին նա ոչինչ չէր անում․ ծնկներին ծալած մի զգեստ էր գցել և դեմքը ձեռքերի մեջ առած՝ լաց էր լինում։ Ինձ սարսափելի վատ զգացի՝ տեսնելով նրան այդ վիճակում։ Ով էլ իմ տեղը լիներ, կխղճահարվեր։ Ես ներս մտա և ասացի․
 
― Միսս Մերի Ջեյն, դուք չեք կարող տանել, երբ մարդկանց տեսնում եք ձախորդության մեջ։ Ես էլ միշտ այդպես եմ։ Ասացեք, ի՞նչ է պատահել։
 
Եվ նա պատմեց։ Նրա վիշտը նեգրերն էին։ Ես այդպես էլ գիտեի։ Ասաց, որ դեպի Անգլիա սպասվող ճանապարհորդության հաճույքը դրանով թունավորվեց, որ ինքը չգիտե, թե ինչպես կարող է երջանիկ զգալ իրեն այնտեղ, երբ միշտ պիտի հիշի, որ նեգր մայր ու երեխաները այլևս իրար չեն տեսնելու։ Եվ նա ավելի դառնորեն սկսեց արտասվել ու ձեռքերն իրար խփելով ասաց․
 
― Օ՜հ, աստվա՜ծ իմ, չէ՞ որ այլևս իրար չեն տեսնելու։
 
― Բայց կտեսնեն, ամենաուշը երկու շաբաթում, ես հաստատ գիտեմ, ― ասացի ես։
 
Օրենքի ուժն իմ մտածելուց առաջ էր անցել։ Դեռ չէի շարժվել տեղիցս, երբ նա թևրը պարզեց իմ պարանոցի շուրջը և ասաց, որ այդ բառերը նորից, նորից ու նորից կրկնեմ։
 
Զգացի, որ բերանիցս խոսք թռցրի և ասացի ավելին, քան կարելի էր։ Ի՞նչ անեի։ Խնդրեցի թույլ տալ մեկ րոպե մտածելու։ Նա նստած էր՝ անհամբեր, հուզված, գեղեցիկ, բայց իմ ասածից մասամբ երջանկացած, թեթևացած էր զգում իրեն այնպես, ինչպես ցավոտ ատամ քաշած մարդը։ Ուստի ես սկսեցի մտքումս ծանրութեթև անել անելիքս։ Ինքս ինձ դատում էի․ եթե մեկը, նեղն ընկնելիս ճշմարտությունն է ասում, մեծ վտանգի է ենթարկում իրեն։ Ես փորձառություն չունեի և այդ պահին հաստատ չէի կարող ասել, թե դա որքան վտանգավոր է։ Բայց թվում էր, թե այդպես է։ Սակայն այստեղ հանգամանքն այնպիսին էր, որ ավելի լավ էր ասել ճշմարտությունը։ Դա ավելի քիչ էր վտանգավոր, քան սուտը։ Պետք է հիշեի և ազատ ժամանակ քննարկեի այդ հարցը, որը տարօրինակ էր և կանոնների հակառակ։ Նման բան երբեք չէի տեսել։ Վերջապես, ասացի ինքս ինձ, որ պետք է փորձեմ, այս անգամ պիտի վեր կենամ և ասեմ ճշմարտությունը, թեև դա չափազանց նման էր վառոդի տակառի վրա նստելուն, երբ հետաքրքրությունից պայթեցնում են՝ տեսնելու, թե այն ուր է շպրտում իրենց։ Եվ ես ասացի․
 
― Միսս Մերի Ջեյն, դուք քաղաքից դուրս ունե՞ք մի տեղ, ուր կարողանաք գնալ և մնալ երեք֊չորս օրով։
 
― Այո, միստր Լոթրոփի տունը։ Իսկ ինչո՞ւ եք հարցնում։
 
― Առայժմ հետաքրքիր չէ, թե ինչու։ Եթե ես ասեմ ձեզ, թե նեգրերն ինչպես են իրար տեսնելու․․․ երկու շաբաթում․․․ այս տան մեջ․․․ և ապացուցեմ, թե որտեղից գիտեմ, այդ դեպքում դուք կգնա՞ք միստր Լոթրոփի մոտ և այնտեղ կմնա՞ք չորս օր։
 
― Չորս օ՜ր, ― ասաց նա, ― մի տարի կմնամ։
 
― Շատ լավ, ― ասացի ես, ― ես ձեզանից ավելին չեմ ուզում, քան ձեր խոստումը, դա ինձ համար ավելին է, քան մի այլ մարդու՝ Աստվածաշունչ համբուրելը։
 
― Նա ժպտաց ու շատ անուշ շիկնեց։ Ես ասացի․
 
― Եթե թույլ կտաք, ես կծածկեմ դուռը և կկողպեմ։
 
Այնուհետև վերադարձա տեղս, նստեցի և ասացի․
 
― Չզբաղվեք, հանգիստ նստեք և ասածներս ընդունեք, ինչպես տղամարդ։ Ես որոշել եմ ձեզ ճշմարտությունն ասել, իսկ դուք ձեզ պետք է պինդ պահեք, միսս Մերի, որովհետև լավ բան չեմ ասելու և լսելն էլ ծանր է։ Բայց ուրիշ ճար չկա։ Ձեր այս հորեղբայրները ձեր հորեղբայները չեն, դրանք երկու խարդախ մարդիկ են, իսկական թափառաշրջիկներ։ Ահա, ամենավատն ասացի, մնացածը հեշտ է տանելը։
 
Այդ լուրը, իհարկե, նրան ցնցեց, բայց ես այժմ գտնվում էի ծանծաղ ջրում և ուղղակի արշավեցի առաջ։ Ամբողջ ժամանակ նրա աչքերը ավելի ու ավելի բոցավառվեցին։ Պատմեցի ամեն մի պարսավելի մանրամասնություն, սկսած այն պահից, երբ առաջին անգամ հանդիպեցինք այդ երիտասարդ հիմարին, որը շոգենավով բարձրանալու էր վեր, և հասցրի մինչև այնտեղ, երբ աղջիկը տան շեմքին իրեն գցեց թագավորի գիրկը, և թագավորը նրան համբուրեց տասնվեց֊տասնյոթ անգամ։ Մերին վերջալույսի պես շառագունած՝ վեր թռավ, գոչելով։
 
― Օ՜հ, այդ անասո՜ւնը։ Դե՛հ, չպետք է ոչ մի րոպե կորցնել, պետք է դրանց պատել կուպրով, փետուրների մեջ թավալել տալ ու գցել գետը։
 
Ես ասացի․
 
― Իհարկե։ Բայց ե՞րբ եք ուզում այդ անել, նախքան Լոթրոփի տունը գնա՞լը, թե՞․․․
 
― Օ՜հ, ինչի՜ մասին եմ մտածում, ― ասաց նա ու նստեց իր տեղը, ― մի՛ լսեք իմ ասածները, խնդրում եմ, հաշվի մի՛ առեք։ Չեք առնի, չէ՞։
 
Նա իր թավշյա ձեռքը այնպե՜ս քնքշորեն դրեց իմ ձեռքին, որ ես մտքումս վճռեցի․ կմեռնեմ, բայց նրա ասածից դուրս չեմ գա։
 
― Ես երբեք չմտածեցի, թե այդպես կհուզվեմ, ― ասաց նա, ― այժմ շարունակեցեք, ես այլևս այդպես չեմ վարվի։ Ասացեք ի՞նչ անեմ։ Ինչ էլ որ ասեք, կկատարեմ։
 
― Լավ, ասացի ես, ― այդ երկու խարդախներն այլանդակ զույգ են կազմում։ Այնպես եղավ, որ ես ստիպված եմ նրանց հետ քիչ ավելի երկար ճանապարհորդել։ Ուզեմ, թե չուզեմ։ Թե ինչու՝ ավելի լավ է այդ մասին ձեզ ոչինչ չասեմ։ Եթե դուք այս ավանում նրանց մերկացնեք, ես կազատվեմ նրանց ճանկերից, և ամեն ինչ լավ կլինի ինձ համար։ Բայց կա մի ուրիշը, որին չեք ճանաչում, և որը մեծ նեղությունների մեջ կընկնի։ Մենք պետք է փրկենք նրան, այնպես չէ՞։ Ուրեմն՝ հասկանալի է, մենք չպետք է այստեղ նրանց մասին որևէ բան ասենք։
 
Այս խոսքերն ասելիս գլխումս մի լավ միտք ծագեց։ Ես տեսնում էի, թե ինչպես կարող էի ինձ ու Ջիմին ազատել այդ խարդախներից․ նրանց այստեղ բանտարկել տալ և ապա հեռանալ։ Բայց ես չէի ուզում լաստը ցերեկով գետն ի վար տանել․ շարունակ հարձուփորձ կանեին։ Դրա համար էլ վճռեցի սպասել մինչև մթնի։ Ես ասացի․
 
― Միսս Մերի Ջեյն, ասեմ, թե ինչ ենք անելու, և դուք ստիպված չեք լինի այդքան երկար ժամանակ մնալ միստր Լոթրոփի մոտ։ Այդ վայրը այստեղից որքա՞ն է հեռու։
 
― Չորս մղոնից ոչ պակաս․ գյուղական վայր է, ավանի ետևում։
 
― Ոչինչ, այնքան վատ չէ։ Այժմ գնացեք այնտեղ և հանգստացեք մինչև ժամը ինը կամ կամ ինն անց կես, ապա խնդրեցեք, որ ձեզ նորից բերեն այստեղ։ Պատճառ կբռնեք, թե բան եք մոռացել։ Եթե ժամը տասնմեկից առաջ լինեք այստեղ, պատուհանին մի մոմ դրեք, և եթե ես դրանից հետո չեկա, նշանակում է գնացել եմ և ապահով եմ։ Այնուհետև դուրս կգաք, ում որ պետք է կհայտնեք նրանց խարդախության մասին, և այդ գազաններին բանտարկել կտաք։
 
― Լավ, ― ասաց նա, ― այդպես կանեմ։
 
― Իսկ եթե պատահի, որ ես հեռացած չլինեմ, և ինձ էլ նրանց հետ ձերբակալեն, դուք կկանգնե՞ք, կասե՞ք, որ ես ամեն ինչ նախօրոք հայտնել եմ ձեզ և կպաշտպանե՞ք ինձ ձեր ամբողջ կարողությամբ։
 
― Կպաշտպանեմ ձեզ, իհարկե, կպաշտպանեմ։ Ոչ ոք ձեր մազին չի դիպչի, ― ասաց նա, և ես տեսա, թե ինչպես այդ պահին նրա ռունգերը լայնացան, աչքերը փայլեցին։
 
― Եթե ես հեռացած լինեմ, նշանակում է այստեղ չեմ լինի, ― ասացի ես, ― և չեմ կարողանա ապացուցել, որ այս սրիկաները ձեր հորեղբայրները չեն, չեմ կարող ապացուցել, եթե նույնիսկ այստեղ լինեմ։ Կարող եմ երդվել, որ դրանք խարդախ և թափառաշրջիկ մարդիկ են, ուրիշ ոչինչ։ Իհարկե, դա էլ մի բան արժե։ Բայց կան մարդիկ, որ կարող են այդ բանն ինձնից լավ ապացուցել, և դրանք այնպիսի մարդիկ են, որոնց վկայությունն այնպես շուտ կասկածի տակ չի առնվի, ինչպես իմը։ Կասեմ, թե ինչպես գտնել նրանց։ Տվեք ինձ մի մատիտ և թուղթ։ Ահա․ «Արքայական ընձուղտ, Բրիքսվիլ»։ Պահեցեք այդ թուղթը, չկորցնեք։ Երբ դատարանը կուզենա այս երկուսի մասին որոշ բան հայտնաբերել, թող լուր ուղարկի Բրիքսվիլ և ասի, որ ձերբակալել են այն մարդկանց, որոնք խաղացել են «Արքայական ընձուղտը», և խնդրի մի քանի վկա ուղարկել։ Այդ դեպքում ամբողջ քաղաքը, միսս Մերի, մեկ ակնթարթում կթափվի այստեղ։ Նրանք կգան սոսկալի կատաղած։
 
Իմ խելքով, այժմ ամեն ինչ ճիշտ էինք որոշել։ Ուստի ասացի․
 
― Թողեք աճուրդը շարունակվի և դրա համար մի՛ անհանգստացեք։ Ոչ ոք պարտավոր չէ գնած բանի համար վճարել, մինչև աճուրդից մեկ օր չանցնի, նկատի ունենալով հայտարարության կարճատևությունը։ Այդ խաբեբաներն էլ այստեղից չեն հեռանա, մինչև դրամը չստանան։ Իսկ մենք գործն այնպես ենք կարգադրել, որ այդ վաճառքը օրինական համարվել չի կարող։ Նրանք դրամը չեն ստանա։ Կստացվի այնպես, ինչպես նեգրերի հետ էր․ վաճառքն օրինական չէ, և նեգրերը շուտով ետ կգան։ Նրանք չեն կարող նեգրերի դիմաց վճար ստանալ։ Նրանք ամենադժվար կացության մեջ են ընկել, միսս Մերի։
 
― Լավ, հիմա ես կիջնեմ ներքև նախաճաշելու և ապա ուղիղ կմեկնեմ միստր Լոթրոփի տունը։
 
― Ոչ, այդ ճիշտ չի լինի, միսս Մերի Ջեյն, ― ասացի ես, ― դա ճիշտ չէ։ Նախաճաշից առաջ գնացեք։
 
― Ինչո՞ւ։
 
― Ձեր կարծիքով ես ի՞նչ նկատի ունեի, երբ խորհուրդ տվեցի գնալ, միսս Մերի։
 
― Երբեք այդ մասին չեմ մտածել, ոչ էլ մտածում եմ։ Չգիտեմ։ Ասացեք, ինչո՞ւ։
 
― Գնալու պատճառն այն է, որ դուք այս խաբեբաների նման աներես չեք։ Ես չգիտեմ այնպիսի մի գիրք, որ ձեր դեմքի չափ պարզ լինի։ Մեկնումեկը ձեր մտածածը կկարդա ձեր դեմքին, ինչպես խոշոր տառերով տպված մի գիրք։ Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ եք գնալ, հանգիստ կանգնել ձեր «հորեղբայրների» առջև, երբ նրանք կգան, բարի լույս կմաղթեն ու կհամբուրեն ձեզ, և երբեք չեք․․․
 
― Հասկանալի է, հասկանալի, բավական է։ Այո, նախաճաշից առաջ պետք է գնալ, ուրախությամբ։ Քույրերիս թողնե՞մ նրանց մոտ։
 
― Այո․ նրանց մասին մի՛ մտածեք։ Նրանք դեռ որոշ ժամանակ պետք է համբերեն։ Եթե բոլորդ գնաք, նրանք կարող են կասկածել։ Չեմ ուզում, որ դուք տեսնեք նրանց, ոչ էլ ձեր քույրերին, ոչ էլ այս ավանում որևէ մեկին, որովհետև եթե այստեղի մի հարևան հարցնի, թե ձեր «հորեղբայրների» առողջությունն այս առավոտ ինչպես է, ձեր դեմքը որոշ բան կմատնի։ Ո՛չ, միսս Մերի Ջեյն, դուք անմիջապես գնացեք։ Ես ամեն ինչ այստեղ ձեր քույրերի հետ կկարգավորեմ։ Միսս Սյուզաննային կասեմ, որ ձեր սերն ու հարգանքը հայտնի նրանց և ասի, որ դուք մի քանի ժամով գնացել եք մի փոքր հանգստանալու, թարմանալու կամ մի բարեկամի տեսնելու և կվերադառնաք երեկոյան կամ վաղ առավոտյան։
 
― Գնալ բարեկամի տեսնելը շատ լավ է, բայց չեմ ուզում իմ սերն ու հարգանքը հայտնել նրանց։
 
― Լավ, թող այդպես լինի։
 
― Բայց քրոջն այդպես ասելը վատ չէր․ դրանից վնաս չէր գա։ Դա մի փոքրիկ բան էր, առանց նեղության։ Եվ հենց փոքրիկ բաներն են, որ ամենից ավելի են մարդկանց ճանապարհը հարթում։ Մերի Ջեյնը դրանով հանգիստ կլիներ, և ասելն էլ ոչ մի նեղություն չէր պատճառի։ Ապա ասացի․
 
― Եվս մի բան, դրամի տոպրակը։
 
― Է՛հ, դա նրանց ձեռքում է, որքա՜ն տխմար էի, որ հանձնեցի նրանց։
 
― Ո՛չ, դուք սխալվում եք։ Տոպրակը նրանց մոտ չէ։
 
― Ինչպե՞ս, ո՞վ է վերցրել։
 
― Լավ կլիներ, որ իմանայի ում մոտ է, բայց չգիտեմ։ Ինձ մոտ էր, որովհետև ես այն գողացա․ գողացա, որպեսզի ձեզ հանձնեմ։ Գիտեմ, թե որտեղ թաքցրի, բայց վախենում եմ, թե այնտեղ չէ։ Անչափ տխուր եմ դրա համար, միսս Մերի Ջեյն։ Ինձ համար ավելի ցավալի բան չէր կարող լինել։ Բայց ես ինչ կարողացել եմ, արել եմ, ազնիվ խոսք։ Քիչ էր մնում, որ բռնվեի և ստիպված եղա թաքցնել առաջին հանդիպած տեղում, միայն թե այնքան էլ հարմար տեղ չէր։
 
― Օ՜հ, բավական է մեղադրեք ինքներդ ձեզ, դա շատ վատ բան է, ես թույլ չեմ տա։ Ի՞նչ կարող էիք անել․ դա ձեր հանցանքը չէ։ Որտե՞ղ թաքցրիք։
 
Ես չէի ուզում նորոգել նրա վիշտը, չէի կարող բերան բաց անել ասելու այն, ինչ ստիպելու էր նրան տեսնելու դիակը դագաղում՝ դրամի տոպրակը փորին դրած։ Մի րոպե լռելուց հետ ասացի․
 
― Չեմ ուզում ասել, թե որտեղ դրեցի, միսս Մերի Ջեյն, եթե թույլ կտաք։ Բայց կգրեմ մի կտոր թղթի վրա, և դուք կարող եք կարդալ ճանապարհին, երբ կգնաք միստր Լոթրոփի մոտ, իհարկե, եթե ուզում եք։ Այդպես հնարավո՞ր է։
 
― Այո, կարելի է։
 
Ես գրեցի․ «Դրել եմ դագաղի մեջ։ Պարկը դագաղի մեջ էր, երբ դուք գիշերն լաց էիք լինում դիակի վրա։ Ես դռան հետևում էի և անչափ ցավում էի ձեզ համար, միսս Մերի Ջեյն»։
 
Աչքերս թրջվեցին, երբ հիշեցի նրա լացը՝ ուշ գիշերին, մենակ, դագաղի մոտ նստած։ Իսկ այդ սատանաները նույն հարկի տակ հանգիստ քնած էին և պատրաստվում էին նրան կողոպտել։ Երբ ծալեցի թուղթը և տվեցի, տեսա, որ աչքերը լցվում են արցունքի կաթիլներով։ Նա թոթվեց իմ ձեռքն ու ասաց․
 
― Ցտեսություն։ Ամեն ինչ կանեմ այնպես, ինչպես ասել եք։ Եթե ձեզ այլևս չտեսնեմ, երբեք չեմ մոռանա, միշտ կմտածեմ ձեր մասին և կաղոթեմ ձեզ համար։
 
― Եվ գնաց։
 
Աղոթե՞լ ինձ համար։ Կարծում եմ, եթե նա ինձ ճանաչեր, այնպիսի մի բան կվերցներ գլխովս տալու համար, ինչքան ուժը պատեր։ Բայց միևնույն է, նա կաղոթեր ինձ համար։ Նա այնպիսի աննկուն ոգի ուներ, որ կարող էր աղոթել Հուդայի համար, եթե նման միտք ունենար։ Մերին նահանջել չգիտեր։ Ինչ ուզում եք ասեք, բայց, իմ կարծիքով, նա իր մեջ ավելի շատ քաջություն, համարձակություն ուներ, քան իմ տեսած աղջիկներից որևէ մեկը։ Իմ կարծիքով, նա ոտքից գլուխ քաջություն էր։ Գուցե ասածս շողոքորթություն թվա, բայց դա այդպես չէ։ Իսկ եթե խոսքը գեղեցկության ու բարության վերաբերի, նա բոլորից բարձր կլինի։ Այն օրից Մերիին այլևս չեմ տեսել, բայց նրա մասին մտածել եմ, շատ ու շատ անգամ, միլիոն անգամ, հիշել նրա խոսքերը, թե կաղոթի ինձ համար։ Եվ եթե երբևէ մտածեի, թե իմ աղոթքը նրան որևէ չափով օգուտ կտա, անիծվեմ, եթե չաղոթեի։
 
Մերի Ջեյնը երևի բակի դռնից էր գնացել, որովհետև ոչ ոք չէր տեսել նրան։ Երբ տեսա Սյուզաննային և Նապաստակաշուրթին, հարցրի․
 
― Ի՞նչ է այն մարդու անունը, որին դուք երբեմն տեսակցության եք գնում․ ապրում է գետի մյուս կողմում։
 
Նրանք ասացին․
 
― Ծանոթները շատ են, բայց գլխավորապես Փրոքթորների մոտ ենք գնում։
 
― Այո, հենց այդ է, ― ասացի ես, ― մոռացել էի։ Լավ, միսս Մերի Ջեյնն ասաց ինձ, որ հայտնեմ ձեզ, թե ինքը շտապ գնում է այնտեղ․ նրանցից մեկը հիվանդ է։
 
― Ո՞ր մեկը։
 
― Չգիտեմ, մոռացա անունը, բայց կարծում եմ դա․․․
 
― Աստվա՜ծ իմ, դեռ անցյալ շաբաթ նա շատ լավ էր։ Շա՞տ վատ է։
 
― Վա՞տ։ Միսս Մերի Ջեյնն ասում էր, որ ամբողջ գիշեր նստած են եղել նրա կողքին։ Կարծել են, թե հազիվ գիշերը կլուսացնի։
 
― Մի տե՛ս, է՜։ Իսկ ի՞նչ է պատահել։
 
Ես չէի կարող իսկույն որևէ հարմար հիվանդություն հնարել, ուստի ասացի․
 
― Խոզուկով։
 
― Խոզուկով քո տատիկն է հիվանդ։ Խոզուկով հիվանդի կողքին ամբողջ գիշերը չեն նստի։
 
― Չե՞ն նստի, ասում եք։ Այդ տեսակի խոզուկի դեպքում նստում են։ Այս խոզուկները տարբեր են։ Միսս Մերի Ջեյնն ասում էր, որ դա նոր տեսակի է։
 
― Ինչո՞վ է նոր։
 
― Այլ բարդություններ է տալիս։
 
― Ի՞նչ այլ բարդություններ։
 
― Քութեշ, կապույտ հազ, կարմիր քամի, թոքախտ, դեղնախտ, ուղեղի բորբոքում և չգիտեմ էլ ինչ։
 
― Աստվա՜ծ իմ։ Եվ նրանք դա անվանում են խոզուկ։
 
― Միսս Մերի Ջեյնն այդպես ասաց։
 
― Իսկ ինչո՞ւ են անվանում խոզուկ։
 
― Որովհետև խոզուկը հենց այդ է։ Դրանից է սկսվում։
 
― Անիմաստ բան ես ասում։ Մեկը կարող է սկզբում ոտքի մատը կոճղի դիպցնել, այնուհետև թույն ընդունել, ջրհորն ընկնել, վիզը ջարդել ու դեղը դուրս թափել, և եթե մի ուրիշը հարցնի, թե ինչից մեռավ այդ մարդը, մի տխմար պիտի ասի, թե մատը կոճղին դիպցրեց։ Դրանում իմաստ կա՞։ Այստեղ էլ իմաստ չկա։ Վարակիչ է դա։
 
― Վարակի՞չ է։ Ի՜նչ եք ասում։ Նման է տափանի։ Մութ ժամանակը մոտենում էր, դիպչում մեր մատին, հետո էլ՝ մյուս մատներին, այնպես չէ՞։ Եվ չեք պրծնի մատից, մինչև ամբողջ տափանը ձեզ հետ քաշեք֊տանեք։ Դե՛հ, խոզուկը, կարելի է ասել, տափանից ավելի վատ է․ մի անգամ որ բռնվեցիք, ազատվել չկա։
 
― Սարսափելի է, ― ասաց Նապաստակաշուրթը, ― գնամ հորեղբայր Հարվիի մոտ և․․․
 
― Իհարկե, ― ասացի ես, ― ձեր տեղը լինեի, ոչ մի րոպե չէի կորցնի։
 
― Իսկ ինչո՞ւ։
 
― Մի րոպե լսեցեք և հուսով եմ, որ կհասկանաք։ Ձեր հորեղբայրները պարտավոր են հնարավորին չափ շուտ վերադառնալ Անգլիա։ Բայց ի՞նչ եք կարծում, նրանք այնքան ստոր կլինե՞ն, որ իրենք մեկնեն, իսկ ձեզ թողնեն, որ ամբողջ ճանապարհը մենակ գնաք։ Հասկանալի է, որ կսպասեն ձեզ։ Բացի այդ, ձեր հորեղբայր Հարվին քարոզիչ է, այնպես չէ՞։ Է՛հ, արդյոք քարոզիչը կխաբի՞ շոգենավի գործավարին, կխաբի՞, որպեսզի նրանք թույլ տան միսս Մերի Ջեյնին նավ բարձրանալ։ Իհարկե, դուք գիտեք, որ չի խաբի։ Ուրեմն ի՞նչ կանի։ Պարզ է, որ կասի․ «Շատ ցավալի է, բայց եկեղեցական գործերը պետք է հնարավորության չափ յոլա գնան առանց ինձ, քանի որ եղբորս դուստրը վարակվել է բազմակի, ահավոր հիվանդությամբ՝ խոզուկով։ Ուստի իմ հարկադրյալ պարտականությունն է նստել այստեղ և սպասել երեք ամիս, որպեսզի պարզվի, նա վարակվե՞լ է, թե՞ ոչ»։ Եթե գտնում եք, որ պետք է ձեր հորեղբայր Հարվիին հայտնել, ապա ոչ մի բանի ուշադրություն մի դարձրեք։
 
― Ա՛յ քեզ բան։ Ուրեմն՝ մենք այստեղ ենք մնալու և գժի նման շրջելու ենք այս ու այն կողմ, երբ բոլորս կարող էինք շատ լավ ժամանակ անցկացնել Անգլիայում, և սպասելու ենք, որպեսզի պարզենք, թե Մերի Ջեյնը վարակվե՞լ է։ Ի՜նչ դատարկ բաներ ես ասում։
 
― Լավ, համենայն դեպս գուցե հարևաններից մի քանիսին ասեք։
 
― Չէ՜ մի։ Դու բնածին ապուշությամբ բոլորին կհաղթես։ Մի՞թ չես հասկանում, որ նրանք իսկույն ամեն տեղ կտարածեն լուրը։ Մնում է միայն մի բան․ ոչ ոքի ոչինչ չասել։
 
― Լավ, գուցե դուք իրավացի եք։ Այո, կարծում եմ, որ իրավացի եք։
 
― Բայց թվում է, մենք պարտավոր ենք որևէ կերպ հորեղբայր Հարվիին ասել, որ նա կարճ ժամանակով տեղ է գնացել, որպեսզի հորեղբայրը չանհանգստանա։
 
― Այո, միսս Մերի Ջեյնն ուզում էր, որ հայտնեք։ Գնալիս ասաց․ «Ասացեք, որ հորեղբայրներ Հարվիին և Վիլյամին հաղորդեն իմ սերն ու համբույրները և ասեն, որ ես շտապ գնում եմ գետի մյուս կողմը տեսնելու միստր․․․ միստր․․․», ի՞նչ էր այդ հարուստ ընտանիքի ազգանունը, մոռացա։ Ձեր հորեղբայր Պիտերը սովորաբար շատ է հարգելիս եղել նրանց, այն ընտանիքը, որը․․․
 
― Երևի Ափթորիների մասին է խոսքը, չէ՞։
 
― Այո, այո, այդ էր․․․ Այնպիսի ազգանուններ ունեն, որ մարդ չի կարողանում հիշել։ Այո, այդ հայտնեք հորեղբայրներին, թե շտապ գնացել է Ափթորիների մոտ։ Խնդրելու է, որ անպայման գան աճուրդի և տունը գնեն․ հորեղբայր Պիտերն ավելի շուտ կուզենար նրա՛նք գնեին, քան մեկ ուրիշը։ Եվ նա նրանցից պոկ չի գա, մինչև խոսք չտան, թե կգան։ Այնուհետև, եթե շատ հոգնած չլինի, իսկույն կվերադառնա։ Իսկ եթե հոգնի, կվերադառնա ամենաուշը հաջորդ առավոտյան։ Միսս Մերի Ջեյնն ասաց, որ Փրոքթորների մասին ոչինչ չասեք, միայն Ափթորիների մասին ասեք, որը միանգամայն ճիշտ կլինի, որովհետև նրանց մոտ էլ կգնա՝ տունը գնելու կապակցությամբ։ Ես այդ գիտեմ․ ինձ ասել է։
 
― Շատ լավ, ― ասացին նրանք և վազեցին հորեղբայրների մոտ՝ նրանց հաղորդելու միսս Մերի Ջեյնի սերն ու համբույրները, ինչպես նաև մյուս մանրամասնությունները։
 
Այժմ ամեն ինչ լավ էր։ Աղջիկները ոչինչ չէին ասի, որովհետև ուզում էին Անգլիա գնալ։ Թագավորը և դուքսը նույնպես ուրախ էին նրա բացակայության համար։ Ավելի լավ էր, որ նա աճուրդի գործով զբաղվեր, քան թե մնար տանը, դոկտոր Ռոբինսոնի աչքի առաջ։ Ես ինձ շատ լավ էի զգում։ Իմ կարծիքով, դերս բավական ճարպկորեն կատարեցի։ Հազիվ թե Թոմ Սոյերը դրանից ավելի հարմար ելք գտներ։ Իհարկե, նա գործն ավելի կբարդացներ, բայց ես չէի կարող այդքան հմտություն ցուցաբերել։ Դե, այդ բանում վարժված չէի։
 
Աճուրդի գործը նրանք սկսեցին ավանի հրապարակում, իրիկնադեմին, և դա տևեց շատ երկար։ Ծերուկը պտտվում էր հայտարարողի շուրջը և երբեմն Աստվածաշնչից կեղծ բարեպաշտական խոսքեր մեջ բերում, իսկ դուքսը՝ «գո՛ւ֊գո՛ւ» էր անում որպես հարգանքի արտահայտություն և մարդկանց սիրաշահում։
 
Շուտով աճուրդը վերջացավ, ամեն ինչ վաճառվեց, ամեն ինչ, բացի գերեզմանոցի փոքրիկ տեղամասից։ Նրանք աշխատեցին այդ էլ վաճառել։ Ես երբեք չեմ տեսել այնպիսի մի ընձուղտ, ինչպիսին թագավորն էր, որն ուզում էր ամեն ինչ կուլ տալ։ Մինչ նրանք զբաղված էին այս գործով, ափին մոտեցավ մի շոգենավ և երկու րոպեում գետափից գոռոցով, կանչով, ծիծաղով դեպի ավանն էր վազում ամբոխը։
 
― Ահա ձեր հակառակորդները, ահա Պիտեր Վիլքսի ժառանգների մի նոր զույգ։ Վճարեցեք դրամը, վճռեցեք, այս զույգերից ո՞ր մեկն է ավելի դուր գալիս ձեզ։
 
 
==Գլուխ քսանիններորդ==
 
 
Ամբոխն իր հետ բերում էր չափազանց դուրեկան արտաքինով մի ծեր ջենտլմենի, ինչպես և նույնքան համակրելի մի երիտասարդի։ Երիտասարդի աջ թևը կապված էր վզից։ Աստվա՜ծ իմ, ինչպե՜ս էին մարդիկ անընդհատ գոչում ու ծիծաղում։ Բայց ես ոչ մի ծիծաղելի բան չէի տեսնում և կարծում էի, թե թագավորն ու դուքսը, տեսնելով այդ, որոշ չափով կձգվեն, կգունատվեն։ Բայց ոչ, նրանք բոլորովին էլ չգունատվեցին։ Դուքսը ցույց էլ չտվեց, թե ինչ֊որ բան է տեղի ունենում։ Նա շարունակում էր շրջել «գո՛ւ֊գո՛ւ» անելով՝ երջանիկ ու գոհ, նման այն խնոցուն, որի մեջ գլգլում են կաթն ու կարագը։ Ինչ վերաբերում է թագավորին, նա ապշած ու թախծալից նայում, նայում էր, այս նորեկներին, կարծես նրա սիրտը մղկտում էր, որ աշխարհում կարող են լինել այդ աստիճանի խարդախ ու սրիկա մարդիկ։ Նա այդ դերը սքանչելի էր կատարում։ Ավանի անվանի մարդկանցից շատերը հավաքվել էին նրա շուրջը՝ հասկացնել տալու, որ իրենք իր կողմն են։ Նորեկ ծերունի ջենտլմենը կատարելապես ապշել, առեղծվածային վիճակի մեջ էր ընկել։ Շուտով նա սկսեց խոսել, և ես անմիջապես նկատեցի, որ նա բառերն արտասանում է ինչպես անգլիացի և ոչ թե թագավորի նման, թեև նմանեցնելու տեսակետից թագավորի արտասանությունն էլ վատ չէր։ Ես չեմ կարող այստեղ տալ ծերունի ջենտլմենի բառերը, ոչ էլ կարող եմ նմանեցնել։ Նա դարձավ դեպի ամբոխը և խոսեց մոտավորապես այսպես․
 
― Սա ինձ համար միանգամայն անսպասելի էր, և ես ուղղակի ու անկեղծորեն խոստովանում եմ, որ շատ էլ պատրաստ չեմ դիմադրելու և պատասխանելու։ Ճանապարհին մեր գլխին փորձանք եկավ։ Եղբորս թևը կոտրվեց և մեր ճանապարհորդական ծանրոցները երեկ գիշեր սխալմամբ ափ դուրս բերին այստեղից վերև, մի փոքրիկ քաղաքում։ Ես Պիտեր Վելքսի եղբայր Հարվին եմ, սա էլ նրա եղբայր Վիլյամն է, որը չի կարող լսել կամ խոսել, նույնիսկ չի կարող նշաններով բավականաչափ բան հասկացնել, որովհետև այժմ միայն մեկ ձեռքն է շարժվում։ Մեկ֊երկու օրից, երբ ծանրոցները կստանամ, կարող եմ ամեն ինչ ապացուցել։ Բայց մինչև այդ ուրիշ ոչինչ չեմ ասի, կգնամ հյուրանոց և կսպասեմ։
 
Նա ու նոր խուլ ու համրը հեռացան։ Թագավորը նրանց հետևից քրքջաց ու ծաղրեց․
 
― Թևն է կոտրվել։ Հավանական է չէ՞։ Շատ էլ հարմար է մի խարդախ մարդու համար, որը ստիպված է նշաններով խոսել, բայց չգիտե, թե ինչպես։ Իրերը ճանապարհին կորել են։ Հիանալի է, նույնիսկ բավական խորամանկ ձև է տվյալ պարագայում։
 
Եվ նա նորից ծիծաղեց, ծիծաղեցին և հավաքվածները, բացի երեք֊չորս կամ վեց հոգուց։ Վերջիններից մեկը բժիշկն էր, մյուսը՝ սրահայաց մի ջենտլմեն՝ ուսին կապերտից հին ձևի խուրջին գցած։ Նա նոր էր դուրս եկել շոգենավից և ցածրաձայն խոսում էր բժշկի հետ, երբեմն էլ հայացքը ուղղում թագավորին։ Գլուխները շարժվում էին ի հաստատումն միմյանց ասածի։ Դա օրենսգետ Լեվի Բելն էր, որ գետով բարձրացել էր Լուիսվիլ։ Երրորդը բարձրահասակ, չեչոտ դեմքով մի աժդահա մարդ էր, որը, գալով այնտեղ, լսեց ծերունի ջենտլմենի ասածները սկզբից մինչև վերջ և այժմ լսում էր թագավորին։ Երբ թագավորը վերջացրեց, այս մարդը վեր կացավ ու ասաց․
 
― Լսեցեք, եթե դուք Հարվի Վիլքսն եք, ապա ասացեք, թե ե՞րբ եկաք այս ավանը։
 
― Հուղարկավորությունից մեկ օր առաջ, բարեկամ, ― ասաց թագավորը։
 
― Օրվա ո՞ր ժամին։
 
― Երեկոյան, մայրամուտից մեկ֊երկու ժամ առաջ։
 
― Ինչո՞վ եկաք։
 
― Եկա «Սյուզեն Պոուել» շոգենավով, Ցինցինատիից։
 
― Լավ, ուրեմն՝ ինչպե՞ս կարողացաք առավոտյան մակույկով լինել հրվանդանի մոտ։
 
― Ես առավոտյան հրվանդանի մոտ չեմ եղել։
 
― Ստում եք։
 
Մի քանիսը միջամտեցին ի պաշտպանություն թագավորի, և չեչոտին խնդրեցին այդ ձևով չխոսել ծերունու և քարոզչի հետ։
 
― Կորչի՛ սրա նման քարոզիչը։ Սա խաբեբա է, ստախոս։ Այդ առավոտ նա նավակով ափ էր դուրս եկել հրվանդանի մոտ։ Ես այնտեղ եմ ապրում, գիտեք, չէ՞։ Այն ժամանակ այնտեղ էի, երբ սա էլ այնտեղ էր։ Ես տեսա նրան։ Նա մակույկով այնտեղ եկավ Թիմ Քոլլինսի ու մի տղայի հետ։
 
Բժիշկը վեր կացավ ու ասաց․
 
― Եթե այն տղային բերենք այստեղ, կճանաչե՞ք, Հայնս։
 
― Կարծում եմ, որ կճանաչեմ, բայց հաստատ չեմ կարող ասել։ Ա՛յ, այն տղան է, այնտեղ կանգնած։ Շատ հեշտ ճանաչեցի։
 
Նա մատով ցույց տվեց ինձ։ Բժիշկն ասաց․
 
― Հարևաննե՛ր, ես չգիտեմ նոր եկող զույգն էլ խարդախ է, թե ոչ, բայց եթե այս երկուսը խարդախ մարդիկ չեն, այդ դեպքում ես հիմար մարդ եմ, ուրիշ ասելիք չունեմ։ Իմ կարծիքով մեր պարտականությունն է հետևել, որ սրանք չհեռանան այստեղից, մինչև լրիվ պարզենք այս հարցը։ Դե՛, արի, Հայնս, բոլորդ եկեք։ Մենք այս մարդկանց տանելու ենք պանդոկը, որ երես առ երես հանդիպեն մյուս զույգի հետ, և ես կարծում եմ՝ մենք իսկույն որոշ բան կպարզենք։
 
Ամբոխին շատ դուր եկավ այդ առաջարկը, թեև թագավորի կողմնակիցները, գուցե այնքան էլ գոհ չէին։ Բոլորս ճանապարհ ընկանք դեպի պանդոկ։ Իրիկնադեմ էր։ Արեգակը մայր էր մտնում։ Ինձ առաջնորդում էր բժիշկը՝ ձեռքս բռնած։ Նա բավական բարեհաճ էր իմ նկատմամբ, բայց երբեք ձեռքս բաց չթողեց։
 
Մեզ բոլորիս բերեցին պանդոկի մի մեծ սենյակ և վառեցին մի քանի մոմ։ Այստեղ բերին և նոր զույգին։ Ամենից առաջ բժիշկն ասաց․
 
― Ես չեմ ուզում այս երկու մարդկանց նկատմամբ շատ խիստ լինել, բայց, իմ կարծիքով, սրանք խաբեբաներ են և կարող են մեղսակիցներ էլ ունենալ, որոնց մասին ոչինչ չգիտեմ։ Եթե կան մեղսակիցներ, ապա դրանք չեն փախչի, իրենց հետ տանելով Պիտեր Վիլքսի թողած դրամը։ Միանգամայն հնարավոր է։ Եթե այս մարդիկ խաբեբաներ չեն, ապա դեմ չեն լինի, որ դրամն էլ բերել տանք այստեղ և պահենք, մինչև նրանք ապացուցեն, որ խաբեբաներ չեն։ Ճիշտ չէ՞։
 
Բոլորը համաձայնեցին այս առաջարկությանը։ Ինձ թվում էր, թե նրանք մեր խմբին բավական նեղ վիճակի մեջ գցեցին հենց սկզբից։ Բայց թագավորը տխուր նայեց նրանց ու ասաց․
 
― Ջենտլմեններ, շատ կուզենայի, որ դրամն այնտեղ լիներ, որովհետև ես ցանկություն չունեմ որևէ բանով խոչնդոտ հանդիսանալ այս թշվառ գործի ուղղամիտ, հրապարակային, բացեիբաց քննարկմանը, բայց, ավա՜ղ, դրամն այլևս չկա, կարող եք մեկին ուղարկել և ստուգել, եթե ուզում եք։
 
― Ուրեմն՝ որտե՞ղ է։
 
―Է՛հ, երբ եղբորս դուստրը դրամը հանձնեց ինձ պահելու իր համար, ես վերցրի ու թաքցրի այն իմ մահճակալի ծղոտե ներքնակի մեջ։ Չէի ցանկանում մի քանի օրվա համար այստեղ բանկ դնել։ Մահճակալը համարում էի ապահով տեղ, մենք էլ, նեգր ծառաներ չունենալով, ենթադրում էինք, թե նրանք նույնքան ազնիվ են, որքան Անգլիայում ունեցած մեր ծառաները։ Բայց հենց հաջորդ առավոտյան նեգրերը գողացել էին դրամը, երբ ես ներքև իջա և վաճառեցի նրանց։ Դեռ չգիտեի, թե դրամը գողացված է։ Այնպես որ նրանք հանգիստ հեռացան՝ իրենց հետ տանելով դրամը։ Այստեղ է իմ ծառան, որը կարող է այդ մասին ձեզ պատմել, ջենտլմեններ։
 
Բժիշկը և մի քանի այլ մարդիկ ասացին․ «Անհեթեթ բացատրություն»։ Ես նկատեցի, որ հազիվ թեկուզ մի հոգի լիովին հավատաց նրան։ Մեկը հարցրեց ինձ, թե տեսե՞լ եմ նեգրերին դրամը գողանալիս։ Ես ասացի՝ ոչ, բայց տեսել եմ նրանց սենյակից դուրս սողոսկելիս ու շտապ հեռանալիս։ Ասացի, որ այդ պահին մտքովս ոչ մի վատ բան չանցավ, միայն նկատեցի, որ նրանք վախենում են, կարծելով, թե արթնացրել են իմ պարոնին և շտապում են հեռանալ, քանի դեռ պարոնս նրանց չի բռնել։ Նրանք ինձ այլևս հարցեր չտվեցին։ Այնուհետև բժիշկը շրջվեց իմ կողմը, հարցնելով․
 
― Դո՞ւ էլ անգլիացի ես։
 
Ասացի՝ այո։ Նա և մի քանիսը ծիծաղեցին, ասելով․
 
― Սուտ է։
 
Այնուհետև նրանք շարունակեցին հետաքննությունը և մեզ նեղը լծեցին։ Ժամերը հաջորդում էին իրար, բայց ոչ ոք ոչ մի բառ չասաց ընթրիքի մասին, ոչ էլ, ըստ երևույթին, այդ մասին մտածող կար։ Այդպես շարունակվեց ու շարունակվեց։ Դա ամենախառնաշփոթ բանն էր, որ երբևէ մարդ տեսել է։ Նրանք թագավորին ստիպեցին երկար֊բարակ պատմել իր պատմությունը։ Մյուս ծեր ջենտլմենին ստիպեցին նույնն անել, և այստեղ բոլորը, բացի մի քանի նախապաշարված հիմարներից, կարող էին տեսնել, թե ինչպես նոր եկած ծեր ջենտլմենը ճշմարտությունն է ասում, իսկ մյուսը՝ թագավորը ստում։ Շուտով պահանջեցին, որ ես վեր կենամ ու ասեմ, թե ինչ գիտեմ։ Թագավորը աչքի պոչով խեթ֊խեթ նայեց ինձ, և ես անելիքս հասկացա։ Պատմելով Շեֆֆիլդից, թե ինչպես էինք ապրում այնտեղ, պատմեցի անգլիացի Վիլքսերի մասին և այլն։ Ես դեռ չէի խորացել իմ պատմության մեջ, երբ բժիշկը ծիծաղեց, իսկ իրավաբան Լեվի Բելը ասաց․
 
― Նստիր, տղաս, եթե ես քո տեղը լինեի, այդքան ջանք չէի թափի։ Տեսնում եմ, որ դու ստելու սովոր չես։ Ասածներդ բանի նման չեն․ վարժվել է պետք։ Քո դերը բավական անճարակ ես կատարում։
 
Ինձ փաղաքշանք պետք չէր, բայց ուրախ էի, որ գոնե այդ ձևով հանգիստ թողեցին։ Բժիշկն ինչ֊որ բան էր ուզում ասել։ Նա շուռ եկավ ու հարցրեց․
 
― Եթե դուք հենց սկզբից քաղաքում լինեիք, Լեվի Բել․․․
 
Բայց թագավորը նրան ընդհատեց, պարզեց ձեռքն ու ասաց․
 
― Մի՞թե սա իմ մեռած խեղճ եղբոր հին բարեկամն է, որի մասին նա այնքան հաճախ գրում էր։
 
Օրենսգետն ու նա միմյանց ձեռք սեղմեցին։ Օրենսգետը սիրալիր ժպտաց։ Նրանք մի քանի խոսք փոխանակեցին, ապա առանձնացան ու քչփչացին։ Վերջապես իրավաբանը բարձրաձայն ասաց․
 
― Դա հարցը կփակի։ Ես ձեր չեկը կվերցնեմ ու ձեր եղբոր չեկի հետ կուղարկեմ ուր հարկն է։ Այն ժամանակ կիմանան, որ ամեն ինչ կարգին է։
 
Թուղթ, գրիչ բերեցին, և թագավորը նստեց, գլուխը թեքեց մի կողքի, լեզուն ծամելով սկսեց մրոտել ինչ֊որ բան։ Ապա գրիչը տվեցին դքսին։ Դուքսը սկզբից կարծես իրեն լավ չէր զգում, բայց վերցրեց գրիչն ու գրեց։ Օրենսգետը շուռ եկավ դեպի նոր եկած ջենտլմենը և ասաց․
 
― Այս հին նամակները Հարվի Վիլքսի գրածներն են, և ահա այս երկու մարդկանց ձեռագրերը։ Ամեն մարդ կարող է ասել, որ Վիլքսից ստացված նամակները դրանք չեն գրել (թագավորը և դուքսը մերկացվածների հիմար տեսք ստացան, երբ հասկացան, որ օրենսգետը խաբել է իրենց)։ Այս էլ ծեր ջենտլմենի ձեռագիրն է, և շատ հեշտությամբ կարելի է ասել, որ հին նամակները դրանք չեն գրել։ Փաստն այն է, որ այս ճանկռտոցը չի էլ կարելի ձեռագիր համարել։ Ահա մի քանի նամակ․․․
 
Նորեկ ջենտլմենն ասաց․
 
― Խնդրում եմ, թույլ տվեք բացատրել։ Ոչ ոք չի կարող կարդալ իմ ձեռագիրը, բացի եղբորիցս, և նա արտագրում է իմ գրածը։ Ձեր մոտի եղածը նրա ձեռագիրն է, ոչ թե իմը։
 
Բայց նա ձախ ձեռքով չի կարող գրել, ― ասաց ծերունի ջենտլմենը, ― եթե կարողանար աջ ձեռքն օգտագործել, ապա կտեսնեիք, որ նա է գրել և՛ իր, և՛ իմ նամակները։ Մեր երկուսի նամակներին էլ նայեցեք, խնդրում եմ, և կտեսնեք, որ նույն ձեռագրով են գրված։
 
Օրենսգետը նայեց և ասաց․
 
― Կարծում եմ՝ այդպես է։ Եթե նույնիսկ այդպես չէ, ապա նմանությունը շատ մեծ է, առաջ դա չէի նկատել։ Լավ, լավ, լավ։ Ես մտածում էի, թե մենք խնդիրը լուծելու ճիշտ ճանապարհի վրա ենք գտնվում, բայց դա մասամբ թերի է։ Համենայն դեպս մի բան ապացուցված է․ այս երկու ձեռագրերից ոչ մեկը այս Վիլքսերի ձեռագրի նման չէ, ― ասաց նա, գլխով ցույց տալով թագավորին ու դքսին։
 
Այժմ ի՞նչ եք կարծում։ Այդ ջորու գլուխ ծեր հիմարը տեղի կտա՞ր։ Իհարկե, նա չէր հանձնվի։ Նա ասաց, որ դա լավ փորձ չէ, որ իր եղբայր Վիլյամն աշխարհում առաջին կատակասերն է և հենց որ գրիչը թղթի վրա է դնում, կատակն սկսում է։ Եվ նա տաքացավ ու այնքան փչեց, մինչև ինքն էլ հավատաց իր ասածներին։ Բայց շուտով նորեկ ջենտլմենն ընդհատեց նրան՝ ասելով․
 
― Ես մի բան հիշեցի։ Այստեղ կա մեկը, որ օգնել է իմ խեղճ եղբ․․․ օգնել է հանգուցյալ Պիտեր Վիլքսի մարմինը կարգի բերելու՝ թաղման համար․
 
― Այո, ― ասաց մեկը, ― ես և Էբ Թըրները։ Եկուսս էլ այստեղ էինք։
 
Ծերունին դարձավ դեպի թագավորն ու ասաց․
 
― Գուցե այս ջենտլմենն ասի, թե ինչ վիտվածք կար նրա կրծքին։
 
Թագավորն այստեղ ստիպված էր շատ արագ թափ տալ իրեն, մի բան հնարել, այլապես փուլ կգար, ինչպես գետափը, որի տակը գետակը փորել է։ Այնպե՜ս անսպասելի էր այս հարցը։ Դա այնպիսի բան էր, որ ամեն մեկին կճզմեր իր ծանրության տակ։ Այն էլ առանց նախազգուշացման․ ի՞նչ իմանար, թե ինչ վիտվածք կար։ Նա մի փոքր գունատվեց․ ելք չէր գտնում։ Բոլորը լուռ էին։ Ամեն ոք, մի փոքր առաջ թեքված, նայում էր նրան։ Ինձ թվաց, թե այժմ նա դեն կգցի խաբեբայության դիմակը․ այն այլևս պետք չէր։ Բայց դեն գցե՞ց։ Հազիվ թե նրա մտքով այդպիսի բան անցներ։ Նա այդպես չարեց։ Երևի ուզում էր այնքան շարունակել, մինչև հոգնեցներ մարդկանց, շատերը թողնեին գնային, և ինքն ու դուքսը հնարավորություն ունենային փախչել։ Նա նստած՝ լուռ լսեց, ապա ժպտալով ասաց․
 
― Հը՛մ, բավականին դժվար հարց է, չէ՞։ Այո, սըր, կարող եմ ասել, թե ինչ էր վիտված կրծքի վրա։ Մի փոքրիկ, բարակ սլաք։ Ահա թե ինչ, և եթե լավ չնայեք, չեք կարող տեսնել։ Հիմա ի՞նչ կասեք, հը՞։
 
Ես երբեք չէի տեսել, որ ծերունին այդքան անպատկառ լինի։
 
Նորեկ ծեր ջենտլմենը ոգևորված դարձավ Էբ Թըրների և նրա ընկերոջ կողմը։ Ծերունու աչքերը փայլեցին․ կարծես այս անգամ թագավորին բռնեց։ Նա ասաց․
 
― Ահա, դուք լսեցի՞ք, թե ինչ ասաց նա, չէ՞։ Պիտեր Վիլքսի կրծքին այդպիսի նշան եղե՞լ է։
 
Երկուսն էլ ասացին, որ այդպիսի նշան չեն տեսել։
 
― Լավ, ― ասաց ծեր ջենտլմենը, ― ձեր տեսածը նրա կրծքի վրա աղոտ, փոքրիկ Պ, Բ․ և Վ է եղել՝ անվան սկզբնատառեր, որ նա վիտել էր երիտասարդ ժամանակ։ Տառերն իրարից բաժանվում են գծիկներով։ Այսպես՝ Պ֊Բ֊Վ։ ― Եվ նա գրեց թղթի վրա։ ― Այժմ ասացեք, այդպիսի նշաններ տեսե՞լ եք։
 
Երկուսն էլ նորից ասացին․
 
― Ոչ, չենք տեսել։ Մենք ոչ մի նշան չենք տեսել։
 
Ներկա գտնվողները հուզմունքից միաբերան բղավեցին․
 
― Դրանք բոլորն էլ խաբեբաներ են։ Դրանց պետք է խեղդել գետում, փակել վանդակում, ― և բոլորը միանգամից սկսեցին կռնչալ, սկսվեց հարայ֊հրոց, խառնաշփոթ աղաղակ։ Բայց օրենսգետը բարձրացավ սեղանին ու բղավեց․
 
― Ջենտլմեննե՛ր, ջենտլմեննե՜ր, լսեցե՛ք, միայն մի խոսք, մի խոսք, եթե կբարեհաճեք։ Դեռ մնում է մի միջոց․ գնանք բացենք դիակը և ստուգենք։
 
Առաջարկությունը դուր եկավ նրանց։
 
― Ուռա՜, ― բղավեցին բոլորը և անմիջապես ճանապարհ ընկան, բայց բժիշկն ու օրենսգետը ձայն տվին․
 
― Սպասեցե՛ք, սպասեցե՛ք։ Այս չորսին ու տղային էլ տարեք և բռնեցեք օձիքներից, որ չփախչեն։
 
― Կբռնենք, կբռնենք, ― բոլորը բղավեցին, ― և եթե նշաններ չգտնենք, ամբողջ խմբին լինչի դատաստանի կենթարկենք։
 
Խոստովանում եմ, ես սարսափելի վախեցա, բայց ի՞նչ արած․ փախչելու հնար չկար։ Նրանք բոլորիս բռնեցին և իրենց հետ քարշ տվին ուղիղ դեպի գերեզմանատուն, որը մեկևկես մղոն հեռու էր, գետափին։ Աղմուկն անչափ մեծ էր, և ամբողջ քաղաքը հետևում էր մեզ։ Երեկոյան ժամը ինն էր։
 
Մինչ անցնում էինք տան մոտով, մտքումս ասացի, թե երանի՜ Մերի Ջեյնին ուրիշ տեղ ուղարկած չլինեի։ Բավական էր, որ նա տեսներ, կվազեր, կգար, կփրկեր ինձ ու կմերկացներ այս խարդախներին։
 
Մենք գետի ճանապարհով խառնիխուրն իջանք ցած, ինչպես վայրի կատուներ։ Երկինքն սկսեց մթնել, կայծակը փայլատակում էր, քամին սուրում էր տերևների միջով, և այդ բոլորը տեսարանն ավելի ահավոր էր դարձնում։ Դա իմ գլխին եկած ամենասոսկալի փորձանքն էր։ Եվ ես մի տեսակ անզգայացել էի․ ամեն ինչ կատարվում էր ոչ այնպես, ինչպես ես էի ծրագրել։ Փոխանակ այնպես անելու, որ մի կողմ քաշված հաճույքով դիտեի այս ամբողջ կատակերգությունը, փոխանակ Մերի Ջեյնին ապավինելու, որը վճռական պահին պետք է ինձ փրկեր ու ազատեր, այժմ հույսս դրել էի ինչ֊որ վիտվածքի վրա։ Իսկ եթե այդ նշանները չգտնեի՞ն․․․
 
Անտանելի էր այդ մասին մտածելը, բայց և ուրիշ ոչ մի բան չէի կարողանում հիշել։ Ավելի ու ավելի մթնեց և հարմար ժամանակ էր դուրս պրծնելու, բայց Հայնսը՝ այդ հսկա, ամեհի մարդը, բռնել էր իմ բազկից, իսկ այդպիսի աժդահա մարդու ձեռքից ո՞վ կարող էր ազատվել։ Նա ինձ քարշ տալով տանում էր իր հետևից։ Նա չափազանց հուզված էր, և ես ետ չմնալու համար ստիպված էի վազել։
 
Բազմությունը ներխուժեց գերեզմանատուն, ինչպես հեղեղ։ Երբ հասանք գերեզմանին, պարզվեց, որ բահերը հարյուր անգամ ավելի շատ են, քան պետք էր հողը փորելու համար, բայց ոչ ոքի մտքով չի անցել, որ լապտեր բերի։ Սակայն նրանք մի կերպ սկսեցին փորել կայծակի առաջացրած լույսի տակ և մեկին ուղարկեցին ամենամոտակա տունը, կես մղոն հեռու, լապտեր բերելու։
 
Նրանք մոլեգնաբար փորեցին ու փորեցին։ Սարսափելի մութ էր։ Անձրև տեղաց։ Քամին սուրալով անցնում էր մեր վրայով, կայծակն ավելի ու ավելի էր ուժեղանում, ճայթում էր որոտը։ Բայց մարդիկ այնպես տարված էին գործով, որ բոլորովին ուշադրություն չդարձրին։ Երբ կայծակը փայլատակում էր, մի ակնթարթում այդ բազմամարդ ամբոխի մեջ կարելի էր տեսնել ամեն ինչ, ամեն դեմք, գերեզմանից բարձրացող հողով լիքը բահեր։ Հաջորդ վայրկյանին խավարն ամեն ինչ թաքցնում էր մարդկանց տեսողությունից, և ոչինչ չէր երևում։
 
Վերջապես դուրս բերին դագաղն ու սկսեցին քանդել կափարիչի պտուտակները։ Մարդիկ խռնվել էին, ամեն կերպ աշխատելով առաջ ընկնել և տեսնել այն, ինչ տեղի էր ունենում։ Սարսափելի տեսարան էր, մի կողմից մթությունը, մյուս կողմից մարդկանց իրարանցումը։ Հայնսն, ինձ սարսափելի ցավ պատճառելով, քաշում էր իր ետևից։ Նա այնպես հուզված էր և այնպես էր հևում, որ կարծեք թե մոռացել էր իր գոյությունը։ Հանկարծ շրջապատը ողողվեց կայծակի սպիտակ, շլացուցիչ լույսով, և մեկը գոռաց․
 
― Աստվա՜ծ վկա, ահա ոսկով պարկը՝ նրա կրծքին դրած։
 
Հայնսը մի կռինչ արձակեց, ինչպես բոլորը, բաց թողեց բազուկս և առաջ նետվեց պարկը տեսնելու, իսկ ես դուրս թռա ամբոխի միջից ու մթության մեջ վազեցի դեպի ճանապարհը։ Թե ինչպես, ինքս էլ չեմ հիշում։
 
Ճանապարհին ինձանից բացի ոչ ոք չկար։ Ես վազում էի ամբողջ ուժովս։ Մեն֊մենակ էի, եթե նկատի չունենանք թանձր խավարը, կայծակի փայլատակումը, անձրևի խշշոցը, քամու սուլոցը, որոտի ճայթյունը։ Կարող եք վստահ լինել, որ ես լեղապատառ թռչում էի առաջ։
 
Երբ հասա քաղաք, այդ փոթորկալից ժամին դրսում ոչ ոք չկար։ Խուլ փողոց որոնելու կարիք չեղավ։ Ամբողջ ուժերս հավաքելով վազեցի գլխավոր փողոցով։ Երբ մոտեցա մեր տանը, աչքերս ուղղեցի այդ կողմը։ Ոչ մի լույս չկար․ տունը թաղված էր մթության մեջ։ Ես ինձ զգացի հուսախաբ, մի տեսակ թախիծով համակվեցի։ Թե ինչու՝ չգիտեմ։ Վերջապես, երբ արդեն անցնում էի տան մոտով, նկատեցի Մերի Ջեյնի պատուհանից երևացող լույսը։ Սիրտս այնպես բաբախեց, կարծես դուրս էր թռչում։ Նույն վայրկյանին տունը և ամեն ինչ մնաց իմ ետևում, մթության մեջ։ Գիտեի, որ այլևս դրանք չեմ տեսնելու։ Նա իմ տեսած ամենալավ, ամենաբարի հոգու տեր աղջիկն էր։
 
Երբ քաղաքից այնքան էի բարձրացել վեր, որ կարող էի տեսնել կղզյակը, սկսեցի նավակ որոնել։ Հենց որ կայծակի լույսով նկատեցի մի նավակ, որը շղթայով կապված չէր ափին, ներս ցատկեցի և թիավարեցի։ Պարզվեց, որ դա միայն պարանով էր կապած։ Կղզյակը բավական հեռու էր, գետի մեջտեղում, բայց ես ժամանակ չկորցրի, և երբ վերջապես հասա լաստին, այնպես էի ուժասպառ եղել, որ եթե հնարավոր լիներ, վայր կընկնեի շունչ առնելու։ Բայց դրա ժամանակը չէր։ Լաստը բարձրանալուն պես ձայն տվի․
 
― Շո՛ւտ, Ջի՛մ, դո՛ւրս արի և արձակի՛ր լաստը։ Փա՜ռք աստծո, ազատվեցինք դրանցից։
 
Ջիմը դուրս թռավ հյուղակից ու թևերը պարզած, ընդառաջ վազեց։ Ինչե՜ս ուրախացավ։ Բայց երբ կայծակի լույսի տակ մի պահ նայեցի նրան, սրտաճաք եղա և ընկա գետը, որովհետև մոռացել էի, որ նա Լիր արքայի և ջրահեղձ արաբի կերպարանք էր առել։ Վախից լեղիս ճաքեց։ Ջիմն ինձ դուրս բերեց ջրից, ուզեց գրկել ու օրհնել։ Նա այնքա՜ն էր ուրախացել, որ ես վերադարձել էի, և մենք ազատվել էինք թագավորից ու դուքսից։ Բայց ես ասացի․
 
― Հիմա չէ, Ջիմ, նախաճաշի ժամանակ, նախաճաշի ժամանակ։ Այժմ արձակիր լաստը, որ լողա ներքև։
 
Մի երկու վայրկյան անց մենք իջնում էինք գետն ի վար։ Որքա՜ն լավ էր, որ նորից ազատ էինք այս մեծ գետի վրա, մեր գլխի տերը, և մեզ նեղություն տվող չկար։ Ես ուրախությունից սկսեցի ոստոստել, մի քանի անգամ վեր֊վեր ցատկեցի, կրունկներս իրար զարկելիս մի ձայն լսեցի, ծանոթ ձայն։ Շունչս պահեցի, ականջ դրեցի ու սպասեցի։ Եվ երբ հաջորդ փայլատակումը լուսավորեց մեր դիմացի ջուրը, տեսանք, որ երկու հոգի են։ Հենված թիակներին, մակույկը մղել էին առաջ։ Դա թագավորն ու դուքսն էին։
 
Ես նվաղած՝ անշարժ ընկա լաստի վրա և ինձ հազիվ զսպեցի, որ լաց չլինեմ։
 
 
==Գլուխ երեսուներորդ==
 
 
Երբ նրանք բարձրացան լաստի վրա, թագավորը նետվեց ինձ վրա և ցնցելով ուսերս ասաց․
 
― Փորձում էիր ծլկել, հա՞, լակո՛տ։ Ձանձրացա՞ր մեր ընկերակցությունի, հը՞։
 
Ես ասացի․
 
― Ոչ, ձերդ մեծություն, մենք չենք․․․ Խնդրում եմ, թողե՛ք ինձ, ձերդ մեծություն։
 
― Ուրեմն՝ ասա՛, շո՛ւտ, ի՞նչ էր միտքդ, թե չէ հիմա աղիքներդ կթափեմ։
 
― Ազնիվ խոսք, ես կպատմեմ ամեն ինչ այնպես, ինչպես պատահել է, ձերդ մեծություն։ Այն մարդը, որ բռնել էր ձեռքս, ինձ հետ շատ սիրալիր էր վարվում։ Շարունակ ասում էր, որ ինքը ունեցել է մոտավորապես ինձ հասակակից տղա։ Նա մեռել է անցյալ տարի, և այժմ ինքը ցավում է, երբ տեսնում է ինձ նման տղայի այսքան վտանգավոր դրության մեջ։ Երբ մարդիկ ոսկին գտնելիս հանկարծակիի եկան ու խուժեցին դեպի դագաղը, նա բաց թողեց ինձ ու շշնջաց․ «Դե՛, փախի՛ր, թե չէ քեզ անպայման կկախեն»։ Ես էլ դուրս թռա ու փախա։ Ի՞նչ միտք ուներ իմ այնտեղ մնալը։ Ես ոչինչ չէի կարող անել, և չէի ուզում կախվել այն ժամանակ, երբ կարող էի փախչել։ Ոչ մի տեղ կանգ չառա, մինչև գտա մի մակույկ, և երբ տեղ հասա, Ջիմին խնդրեցի, որ շտապի, թե չէ ինձ կբռնեն ու կկախեն։ Ասացի, որ վախենում եմ, թե դուք և դուքսը այժմ կենդանի չեք։ Ես դրա համար անչափ տխուր էի, նույնպես և Ջիմը։ Այժմ, երբ տեսա գալիս եք, շատ ուրախացա։ Հարցրեք Ջիմին, ճի՞շտ եմ ասում, թե՞ ոչ։
 
Ջիմն իմ ասածը հաստատեց, բայց թագավորը նրան հրամայեց լռել ու ասաց․
 
― Օ՜, այո՜, ինչպե՞ս չէ, ― և նորից սկսեց ցնցել ինձ։ Ասաց, որ, իր կարծիքով, պետք է ինձ խեղդել գետում։ Բայց դուքսը ասաց․
 
― Հանգիստ թողեք տղային, ծե՛ր հիմար։ Եթե դուք լինեիք նրա տեղը, այլ կե՞րպ կվարվեիք։ Երբ դուրս պրծաք, նրա մասին հարցրի՞ք։ Գոնե ես այդպիսի բան չեմ հիշում։
 
Թագավորը բաց թողեց ինձ, հայհոյեց այդ քաղաքը և այնտեղի ամեն մի բնակչի։ Բայց դուքսը ասաց․
 
― Ավելի լավ է՝ ինքներդ ձեզ հայհոյեք։ Դուք այն մարդն եք, որն ամենից շատ է արժանի դրան։ Հենց սկզբից ոչ մի խելացի բան չարեցիք։ Լավը միայն այն էր, որ երևակայական կապույտ սլաքի մասին խոսելիս ձեզ հանգիստ, սառը պահեցիք։ Դա հոյակապ էր, սքանչելի և դրա շնորհիվ մենք ազատվեցինք։ Եթե դա չլիներ, մեզ կբանտարկեին մինչև անգլիացիների կապոցներն ստացվելը, որից հետո մեզ կուղարկեին ուղիղ տուն։ Այդ մասին կասկած լինել չէր կարող։ Բայց ձեր հնարամտությունը նրանց տարավ գերեզմանատուն, իսկ ոսկին ավելի մեծ լավություն արեց։ Որովհետև, եթե այդ գրգռված հիմարները մեզ բաց չթողնեին ու չխուժեին ոսկու վրա, մենք այս գիշեր քնած կլինեինք փողկապներով, որոնք ավելի դիմացկուն են, քան մեզ է պետք։
 
Նրանք մի պահ լռեցին․ մտածում էին։ Թագավորը մի տեսակ մտացրիվ ասաց․
 
― Հը՜մ, իսկ մենք կարծում էինք, թե նեգրերն են գողացել։
 
Այդ խոսքից վախեցած կուչ եկա։
 
― Այո, ― ասաց դուքսը դանդաղ, հեգնաբար, ― կարծում էինք։
 
Մոտ կես րոպե լռելուց հետո թագավորը կմկմալով ասաց․
 
― Համենայն դեպս, ես այդպես էի կարծում։
 
Նույն եղանակով դուքսն ասաց․
 
― Ընդհակառակը, ե՛ս էի այդպես կարծում։
 
Թագավորը մի տեսակ թթվեցրեց դեմքն ու ասաց․
 
― Էհ, դրանով ի՞նչ եք ուզում ասել։
 
Դուքսը բավական կտրուկ պատասխանեց․
 
― Եթե բանն այդտեղ է հասել, ապա գուցե թույլ կտաք հարցնել, թե դուք ի՞նչ էիք ուզում ասել։
 
― Բա՛հ, ― բացականչեց թագավորը, չափազանց հեգնական եղանակով, ― չգիտեմ․․․ գուցե դուք քնած եք եղել և չեք իմացել, թե ինչ եք անում։
 
Դուքսը այստեղ կատաղեց․
 
― Բավական է հիմարություններ դուրս տաք։ Ի՞նչ է, ինձ ապուշի տե՞ղ եք դրել։ Չգիտե՞ք, որ ինձ հայտնի է, թե ով էր դրամը թաքցրել դագաղի մեջ։
 
― Այո, սըր, գիտեմ, որ գիտեք, որովհետև ինքներդ եք արել։
 
― Սո՛ւտ է, ― դուքսը հարձակվեց թագավորի վրա։
 
Թագավորը գոռաց․
 
― Ձեռքերդ հեռո՛ւ, թողե՛ք իմ կոկորդը։ Խոսքս ետ եմ վերցնում։
 
Դուքսն ասաց․
 
― Լավ, ամենից առաջ պետք է խոստովանեք, որ դո՛ւք եք այդ դրամը դագաղի մեջ թաքցրել, նպատակ ունենալով այս մեկ֊երկու օրը բաժանվել ինձանից, վերադառնալ, փորել, հանել այնտեղից և մենակ յուրացնել։
 
― Մի րոպե սպասեք, դուքս, միայն մի հարց։ Ինձ ազնվորեն պատասխանեցեք, թե դրամը դուք չե՞ք դրել այնտեղ։ Ես էլ կհավատամ ձեզ և ետ կվերցնեմ իմ բոլոր ասածները։
 
― Ծե՛ր սրիկա, ես չեմ դրել և դուք գիտեք, որ չեմ դրել։ Բավական չէ՞։
 
― Լավ, հավատում եմ ձեզ։ Բայց մի հարցի էլ պատասխանեցեք, միայն թե չզայրանաք։ Ձեր մտքո՞ւմ ել չեք մտածել ճանկել դրամը և թաքցնել։
 
Դուքսը մի պահ լռեց, ապա պատասխանեց․
 
― Լավ, ի՞նչ նշանակություն ունի, թե մտածել եմ, համենայն դեպս, չեմ թաքցրել։ Բայց դուք ոչ միայն մտածել եք, այլև ի կատար եք ածել։
 
― Թող երբեք հանգիստ մահվան չարժանանամ, դուքս, եթե ես եմ արել, ազնիվ խոսք։ Չեմ ասում, թե չէի ուզում անել, քանի որ մտքովս անցել է, բայց դուք կամ մեկ ուրիշը այդ գործում ինձ կանխել եք։
 
― Սո՛ւտ է։ Դո՛ւք եք արել և պետք է խոստովանեք, որ արել եք, թե չէ․․․
 
Թագավորն սկսեց շնչահեղձ լինել։ Ապա հառաչելով ասաց․
 
― Բավակա՛ն է․․․ Խոստովանում եմ։
 
Ես շատ ուրախացա, երբ լսեցի այդ։ Այժմ ինձ շատ ավելի թեթևացած էի զգում, քան առաջ։ Դուքսը հեռացրեց իր ձեռքերը նրա կոկորդից և ասաց․
 
― Եթե մեկ էլ ուրանաք այդ բանը, ձեզ գետում կխեղդեմ։ Ձեր այդ արարքից հետո այդտեղ նստելն ու երեխայի նման հեկեկալն էլ բավական է։ Դա ձեզ շատ է հարմար։ Իսկ և իսկ ջայլամ․ ուզում է ամեն ինչ կուլ տալ։ Իսկ ես միշտ վստահել եմ, իբրև հարազատ հորս։ Պետք է ամաչեիք, երբ այնտեղ կանգնած լսում էիք, թե ինչպես են հանցանքը բարդում խեղճ նեգրերի վրա։ Դուք ոչ մի արդարացնող խոսք չասացիք։ Ինքս իմ աչքում ծիծաղելի եմ դառնում, երբ մտածում եմ, որ ես այնքան մեղմ գտնվեցի, որ հավատացի այդ հիմարությանը։ Անիծվե՛ք դուք։ Այժմ հասկանում եմ, թե ինչու այն երեկո դուք ուզում էիք դրամի պակասը լրացնել․ ուզում էիք ինձանից կորզել այն դրամը, որ ձեռք էի բերել «ընձուղտից» և բոլորը մեկից հափշտակել։
 
Թագավորը երկչոտությամբ և դեռ քիթը վեր քաշելով ասաց․
 
― Դուքս, չէ՞ որ պակասը լրացնելու մասին դուք առաջարկեցիք, ոչ թե ես։
 
― Պապանձվե՛ք, այլևս չեմ ուզում ձեզ լսել, ― ասաց դուքսը, ― այժմ տեսնում եք, թե ինչ շահեցիք դրանից․ նրանք իրենց ամբողջ դրամը ետ ստացան, ինչպես և մեր ամբողջ ունեցածը, բացի մեկ֊երկու շեկելից։<ref>Մետաղադրամ, որը, եթե ոսկի է, արժե հինգ դոլար, եթե արծաթ է՝ 60 ցենտ։</ref> Գնացե՛ք քնելու․ այլևս չեմ ուզում, որ պակասը լրացնելուց խոսեք։
 
Թագավորը սողոսկեց հյուղակը և մխիթարվելու համար վերցրեց խմիչքի շիշը։ Դուքսն էլ շուտով իր շիշը վերցրեց և մոտ կես ժամ հետո նրանք նորից մտերմացան այնպես, ինչպես դա հատուկ է գողերին։ Եվ որքան շատ խմեցին, այնքան ավելի սիրալիր դարձան իրար նկատմամբ և իրար գրկած խռմփացրին։ Նրանք երկուսն էլ լիովին հարբել էին, բայց, ինչպես նկատեցի, թագավորն այնքան չէր հարբել, որ մոռանար հիշեցնել, թե ինքն է թաքցրել դրամը։ Այդ բանը հանգստացնում էր ինձ, և ես գոհ էի։ Իհարկե, երբ նրանք խռմփացնում էին, Ջիմն ու ես երկար խոսեցինք, և ես ամեն ինչ պատմեցի նրան։
 
 
==Գլուխ երեսունմեկերորդ==
 
 
Այնուհետև օրերով ոչ մի քաղաքում կանգ չառանք և անընդհատ շարժվեցինք գետն ի վար։ Այժմ տաք հարավում էինք և տնից շատ հեռու։ Հանդիպում էինք ծառերի, որոնց վրա աճել էր իսպանական մամուռը և ճյուղերից կախվել։ Այդ մամռափնջերը նման էին երկար, ալեխառն մորուքների։ Առաջին անգամն էր, որ տեսնում էի ծառի վրա աճած մամուռ։ Դա անտառին տալիս էր վեհաշուք, տխուր տեսք։ Այժմ այս խարդախները մտածում էին, թե վտանգից հեռու են, և նորից սկսեցին իրենց գործը գյուղերում։ Ամենից առաջ մի դասախոսություն կարդացին ժուժկալության մասին, բայց դրանից այնքան քիչ բան ստացվեց, որ երկուսով նույնիսկ մի անգամ լավ խմել չէին կարող։ Մի այլ գյուղում բաց արեցին պարի դպրոց, բայց նրանք ավելի լավ չգիտեին պարել, քան կենգուրուն։ Առաջին իսկ փորձից հետո հասարակությունը ներս խուժեց ու նրանց գյուղից դուրս վռնդեց։ Մի այլ անգամ փորձեցին հռետորական արվեստ ուսուցել, բայց նոր էին սկսել գոռգոռալ, երբ ունկնդիրները վեր կացան, մի լավ հայհոյեցին ու պահանջեցին հեռանալ գյուղից։ Թագավորն ու դուքսն սկսեցին զբաղվել առաքելությամբ, մեսմերականությամբ, բժշկությամբ, բախտագուշակությամբ։ Բայց բախտը նրանց կարծես չէր ժպտում։ Ի վերջո նրանք, գրեթե լիովին ձախորդության մատնված, վայր ընկան լաստի վրա, որը լողալով իջնում էր ցած, և մտածում էին, մտածում։ Ոչ մի բառ չէին արտասանում․ մռայլ էին, հուսահատ։
 
Վերջապես նրանք դուրս եկան այդ մունջ վիճակից։ Հյուղակում պառկած, գլուխ գլխի տված, ցածրաձայն ու գաղտնի, ժամերով մտերմաբար խորհրդակցում էին։ Ջիմն ու ես անհանգստացած էինք դրանց այդ խորհրդակցությունների պատճառով։ Այդ բանը մեզ դուր չէր գալիս։ Մեզ թվում էր, թե նրանք մտմտում են այնպիսի մի մեքենայություն, որը մինչ այդ եղածներից ամենասատանայականն է։ Մենք երկար֊բարակ ծանրութեթև արեցինք այդ հարցը և ի վերջո եկանք այն եզրակացության, որ նրանք ծրագրել են մեկի տունը կամ խանութը կողոպտել, կամ պատրաստվում են կեղծ դրամ կտրել կամ նման մի բան։ Շատ էինք ահաբեկված և որոշեցինք այլևս նման գործերի չմասնակցել, իսկ եթե որևէ նվազագույն առիթ ներկայանա, հաշիվներս փակել նրանց հետ, թողնել ու փախչել։
 
Մի անգամ, վաղ առավոտյան, մենք լաստը թաքցրինք Փայքսվիլ կոչվող ինչ֊որ խուլ գյուղաքաղաքից երկու մղոն ներքև։ Թագավորը դուրս եկավ ափ, մեզ պատվիրելով, որ այդպես թաքնված սպասենք, մինչև ինքը գնա այդ քաղաքը, իմանա, թե «Արքայական ընձուղտի» պատմությունը այնտեղ չի՞ հասել։ («Երևի ուզում ես տուն կողոպտել, ― ասացի ես մտքումս, ― և երբ վերջացնես կողոպտելը, կվերադառնաս այստեղ ու կզարմանաս, թե ինչ եղանք մենք՝ ես, Ջիմն ու լաստը»)։ Նա ասաց, որ եթե մինչև կեսօր չվերադառնա, դուքսը և ես կարող ենք մտածել, որ գործը հաջող է գնում և դուրս գանք ափ ու հետևենք իրեն։
 
Մենք մնացինք լաստի վրա։ Դուքսը զայրույթից քրտնել էր և չափազանց թթված էր երևում։ Նա ամեն ինչի համար հանդիմանում էր մեզ, կարծես մենք ոչ մի բան ճիշտ չէինք կատարում։ Ամեն մի չնչին բանի մեջ թերություն էր տեսնում։ Ինչ֊որ մի բան, անկասկած, տեղի էր ունենում։ Ես շատ ուրախ էի և լավ էի զգում ինձ, երբ կեսօրին թագավորը չվերադարձավ։ Կարող էր դրությունը փոխվել, և գուցե դուրս գայինք այդ վիճակից։ Դուքսն ու ես գնացինք քաղաք՝ թագավորին որոնելու։ Շուտով նրան գտանք մի փոքրիկ, կեղտոտ գինետան ետևի սենյակում՝ հարբած վիճակում։ Մի քանի դատարկաշրջիկներ զվարճության համար զայրացնում էին նրան, իսկ նա իր ամբողջ ուժով հայհոյում, սպառնում էր։ Այնպես էր հարբել, որ չէր կարող ոտքի վրա կանգնել և նրանց որևէ բան անել։ Դուքսը նրան ծեր հիմար անվանեց, թագավորն էլ պակաս չթողեց։ Հենց որ բավական տաքացան, ես դուրս ծլկեցի և եղնիկի պես գետափնյա ճանապարհով վազեցի ներքև, քանի որ դա նրանցից ազատվելու լավ առիթ էր։ Ես մտածում էի, թե երկար ժամանակ կանցնի, մինչև նրանք տեսնեն մեզ, եթե երբևէ տեսնեն։ Ես շնչակտուր հասա լաստին, և ուրախ֊ուրախ ձայն տվի․
 
― Արձակի՛ր լաստը, Ջիմ․ այժմ ամեն ինչ լավ է։
 
Բայց ոչ մի պատասխան չլսվեց, ոչ ոք դուրս չեկավ հյուղակից։ Ջիմը կորել էր։ Բարձրաձայն բղավեցի, նորից ու նորից կանչեցի, վազեցի անտառ, գոռգոռացի, բայց իզուր։ Ծերունի Ջիմը չկար։ Նստեցի ու լաց եղա․ չէի կարող ինձ զսպել։ Երկար նստել չկարողացա։ Շուտով դուրս եկա ճանապարհ, մտածելով, թե ինչ անեմ, որ լավ լինի։ Վազեցի մի տղայի մոտ, որ գնում էր ճանապարհով և հարցրի, թե չի՞ տեսել օտար նեգրի։ Նկարագրեցի Ջիմի հագուստներն ու արտաքինը։ Տղան ասաց․
 
― Տեսել եմ։
 
― Որտե՞ղ, ― հարցրի ես։
 
― Սայլա Փելփսի ագարակում, այստեղից երկու մղոն ներքև։ Նա փախած նեգր է, բռնեցին։ Չլինի՞ նրան եք որոնում։
 
― Իսկի էլ չէ։ Ես մեկ֊երկու ժամ առաջ անտառում անցա նրա առջևով, և նա ասաց, որ եթե բղավեմ, աղիքներս դուրս կթափի։ Ասաց, որ նստեմ ու չշարժվեմ տեղիցս։ Այդպես էլ արեցի։ Մինչև հիմա նստած էի, վախենում էի դուրս գալ անտառից։
 
― Լավ, ― ասաց նա, ― այլևս վախենալու կարիք չկա, որովհետև նրան արդեն բռնել են։ Նա փախել է հարավից, ինչ֊որ տեղից։
 
― Լավ է, որ բռնել են։
 
― Այո, կարծում եմ։ Նրան բռնողին երկու հարյուր դոլարի պարգև են խոստացել։ Դա ոնց որ ճանապարհին գտած փող լինի։
 
― Այո, և ես կկարողանայի ձեռք բերել այդ պարգևը, եթե բավական մեծ լինեի․ առաջին անգամ ե՛ս տեսա նրան։ Ո՞վ է բռնել։
 
― Մի ծեր մարդ, ինչ֊որ եկվոր։ Նա իր իրավունքը վաճառեց քառասուն դոլարով, որովհետև գետն ի վեր է բարձրանում և սպասել չի կարող։ Դե՛հ մտածիր։ Ազնիվ խոսք, եթե ես լինեի, կսպասեի, թեկուզ յոթ տարի։
 
― Ես էլ կսպասեի, ― ասացի ես, ― բայց գուցե նրա իրավունքը դրանից ավել չարժե, եթե նա այդքան էժան է այն վաճառել։ Գուցե ինչ֊որ թյուրիմացություն կա այդտեղ։
 
― Ոչ, գործը նույնքան հարթ և ուղիղ է, ինչպես թելը։ Ես ինքս եմ տեսել հայտագիրը։ Ամեն ինչ այնտեղ նկարագրված է, յուրաքանչյուր կետ, ոնց որ նկարած լինեն այդ նեգրին։ Ասված է, թե ո՛ր պլանտացիայից է, փախել է Նոր Օռլեանից ներքև գտնվող ինչ֊որ տեղից։ Ոչ, սըր, այդ առևտրի մեջ սխալ չկա․ կարող եմ գրազ գալ։ Ասա, չե՞ս կարող ինձ քիչ ծամելու ծխախոտ տալ։
 
Ես ծխախոտ չունեի, և նա թողեց գնաց։ Վերադարձա լաստը և նստեցի հյուղակում մտածելու։ Բայց չկարողացա որևէ եզրակացության գալ։ Այնքան մտածեցի, մինչև գլուխս սկսեց ցավել, բայց ստեղծված դրությունից դուրս գալու ոչ մի ելք չգտա։ Այս երկար ճանապարհորդությունից, այդ սրիկաների համար այդքան բան անելուց հետո ամեն ինչ զուր անցավ, ամեն ինչ ավերվեց, խորտակվեց, որովհետև այդ մարդիկ ընդունակ էին նման խաղ խաղալու Ջիմի գլխին և նորից նրան դարձնելու ստրուկ՝ ամբողջ կյանքում, այս օտարականների մոտ, այն էլ քառասուն կեղտոտ դոլարի համար։
 
Նույնիսկ մտածեցի, որ Ջիմի համար հազար անգամ ավելի լավ կլիներ ստրուկ մնալ նախկին տեղում, իր ընտանիքի հետ, եթե պետք է մնար ստրուկ։ Նպատակահարմար գտա մի նամակ գրել Թոմ Սոյերին, խնդրելով, որ հայտնի միսս Ուոթսոնին, թե որտեղ է Ջիմը։ Բայց շուտով հրաժարվեցի այդ մտքից, նկատի ունենալով երկու հանգամանք։ Առաջինը․ միսս Ուոթսոնը կկատաղեր, անզգամության ու ապերախտության համար չէր ների Ջիմին, որն այդպես լքել էր իրեն, նորից գետով կուղարկեր ներքև և կվաճառեր։ Երկրորդը, եթե այդպես չաներ էլ, միևնույն էր, բոլորն էլ կարհամարհեին ապերախտ նեգրին և անընդհատ այդ բանը զգացնել կտային, և նա իրեն կզգար նախատված ու նվաստացած։ Բացի այդ, մտածում էի ես, ամենուրեք կիմացվեր, որ Հեք Ֆիննը օգնել է մի նեգրի, որ նա ազատություն ձեռք բերի։ Եվ եթե ես այդ քաղաքից որևէ մեկին նորից տեսնեի, ամոթից պիտի խոնարհվեի և համբուրեի նրա կոշիկները։ Միշտ այդպես է լինում․ մարդիկ ստոր գործեր են կատարում և ապա չեն ցանկանում պատասխան տալ։ Մտածում էի, քանի որ դեռ մարդ կարող է թաքցնել իր վատ վարմունքը, դա անպատվություն չէ։ Նույնը վերաբերում էր և ինձ։ Որքան ուսումնասիրում էի այս հարցը, այնքան խիղճս շարունակում էր նեղել ինձ, և նույնքան անզգամ, չար, ստոր էի զգում ինքս ինձ։ Եվ, վերջապես, հանկարծ գլխումս միտք ծագեց, թե այստեղ պարզորոշ երևում է նախախնամության ձեռքը, որն ապտակում է ինձ և զգացնել տալիս, թե իմ չարությունը ոչ մի րոպե ազատ չէ երկնքի հսկողությունից, և նախախնամությունը տեսնում է, որ ես մի խեղճ, ծեր կնոջից գողանում եմ նրա նեգրին, այն կնոջից, որն ինձ երբեք ոչ մի վնաս չի տվել։ Եվ այժմ դրանով ցույց է տալիս, որ մեկը միշտ դիտարանից նայում ու թույլ չի տալիս, որ այսպիսի ողորմելի գործերը շարունակվեն։ Ես այնպես վախեցա, որ ծնկներս թուլացան։ Ինչ որ է, փորձեցի հնարավորին չափ մեղմել հանցանքս, ասելով, որ ինձ ոչ մի լավ բան չեն սովորեցրել, ուրեմն՝ այնքան էլ մեղավոր չեմ։ Բայց միաժամանակ ներքին մի ձայն անընդհատ կրկնում էր․ «Չէ՞ որ կար կիրակնօրյա դպրոց, և դու կարող էիր հաճախել, իսկ երբ հաճախեիր, նրանք քեզ կսովորեցնեին, որ եթե մի մարդ նեգրի հետ վարվի այնպես, ինչպես ես էի վարվել, հավիտյան դժոխք կգնա»։
 
Այդ մասին մտածելիս դողում էի։ Մտքումս վճռեցի աղոթել և տեսնել, թե չե՞մ կարող չլինել այնպիսին, ինչպիսին եղել էի, այլ լինել լավ տղա։ Ծունկի իջա։ Բայց աղոթքի բառերը դուրս չէին գալիս իմ բերանից։ Իսկ ինչո՞ւ։ Անօգուտ էր փորձել այն թաքցնել թե՛ աստծուց, թե՛ ինձանից։ Ես շատ լավ գիտեի, թե ինչու այդ բառերը դուրս չեն գալիս։ Պատճառն այն էր, որ ես իրավացի չէի, արդար չէի, կեղծ դեր էի կատարում, գտնում էի, որ պետք է հեռու մնալ հանցանքից, բայց իմ հոգու խորքում կառչել էի ամենամեծ հանցանքից։ Ջանք էի թափում, որ բերանիցս դուրս գային այդ բառերը, թե, իբր, ուզում եմ հետևել ճշմարտությանը, վարք ու բարքով լինել մաքուր, այդ նեգրի տիրոջը գրել, թե որտեղ է Ջիմը։ Բայց հոգուս խորքում գիտեի, որ դա սուտ է, և աստծուն հայտնի է այդ կեղծիքը։ Հնարավոր չէ սուտ բանի համար աղոթել․ ես այդ զգացի։
 
Խճճվեցի։ Չգիտեի, թե ինչ անեմ։ Վերջապես գլխումս միտք ծագեց։ Ինքս ինձ ասացի․ կգրեմ նամակը և ապա կտեսնեմ, թե կարո՞ղ եմ աղոթել։ Այդ որոշման արդյունքն ապշեցուցիչ էր․ իսկույն ինձ այնպես թեթև զգացի, փետուրից ավելի թեթև, և ամեն ինչ դարձավ պարզ։ Վերցրի թուղթ ու մատիտ, ուրախ ու հուզված նստեցի և գրեցի․
 
«Միսս Ուոթսոն, ձեր փախած նեգր Ջիմն այստեղ է, Փայքսվիլից երկու մղոն ներքև»։ Նա միստր Ֆելփսի տանն է, և միստր Ֆելփսը նրան կվերադարձնի ձեզ, եթե նրան ուղարկեք ձեր խոստացած գումարը։
 
::::::::::::::::::::::::::Հեք Ֆինն»։
 
Ես մեկից ինձ լավ զգացի և հանցանքից ամբողջովին մաքրված։ Կյանքումս առաջին անգման էր, որ ինձ այդպես թեթևացած էի զգում։ Գիտեի, որ այժմ կարող եմ աղոթել։ Բայց անմիջապես չարեցի այդ բանը, թուղթը դրի առջևս և նստած՝ երկար մտածեցի։ Մտածում էի, թե որքան լավ էր, որ այս բոլորն այսպես եղավ, և որքան մոտ էի կորչելուն ու դժոխք գնալուն։ Այդպես շարունակեցի մտածել։ Մտածում էի գետով կատարած մեր ամբողջ ճանապարհորդության մասին։ Ջիմը ոչ մի վայրկյան աչքիս առջևից չէր հեռանում։ Հիշում էի, թե ինչպես միասին սահում էինք գետի վրայով՝ երբեմն ցերեկը, երբեմն գիշերը, երբեմն լուսնի շողերի տակ, երբեմն փոթորկի մեջ, և ամբողջ ժամանակ խոսում էինք, երգում, ծիծաղում։ Ես երբեք չէի կարողանում հիշել այնպիսի մի պահ, որն ինձ տրամադրեր նրա դեմ։ Ընդհակառակը։ Ես նրան տեսնում էի իմ փոխարեն պահակ կանգնած, երբ իր հերթն անցած էր լինում։ Նա չէր արթնացնում ինձ, որպեսզի ավելի երկար քնեմ։ Հիշեցի նրա ուրախությունը, երբ ես, մշուշից դուրս եկած, հասա մեր լաստը․ որքա՜ն ուրախացավ, երբ այն տոհմական ընդհարումից հետո ողջ֊առողջ վերադարձա նրա մոտ՝ մորուտը։ Հիշեցի նման բազմաթիվ պահեր։ Նա ինձ միշտ «քաղցրիկս» էր կանչում, փաղաքշում ինձ, ինձ համար անում այն ամենը, ինչ մտքով անցներ։ Որքա՜ն բարի էր նա։ Վերջապես հիշեցի այն օրը, երբ ես ազատեցի նրան, ասելով մարդկանց, թե լաստի վրա ծաղկով հիվանդացած մարդ կա, և որքա՜ն նա երախտապարտ զգաց իրեն և ասաց, որ աշխարհում ես իր ամենալավ բարեկամն եմ, իսկ այժմ՝ միակ բարեկամը։ Այո, մտածմունքների մեջ նայեցի շուրջս ու կողքիս տեսա այդ թուղթը։
 
Ես վերցրի այն ու պահեցի բռիս մեջ։ Դողում էի, որովհետև պետք է վերջնականորեն ընտրեի երկու պայմաններից մեկը։ Մի րոպե շունչս պահած մտորում էի, ապա ինքս ինձ ասացի․
 
― Լավ, դժոխք կգնամ, ― պատռեցի նամակը։
 
Սարսափելի մտքեր, սարսափելի բառեր։ Բայց այդ բառերն արդեն արտասանվել էին, և ես թողեցի, որ ասված էլ մնան։ Այլևս չմտածեցի ինքս ինձ բարեփոխելու մասին։ Այդ ամբողջ հարցը դուրս նետեցի իմ գլխից։ Եվ ասացի, որ նորից կմեղանչեմ․ դա էր իմ ճակատագիրը, քանի որ ինձ ոչ մի լավ բան չէին սովորեցրել։ Ամենից առաջ կգնամ և, առանց ջանք խնայելու, Ջիմին կգողանամ, կազատեմ ստրկությունից։ Եթե ավելի վատ բան մտածեմ, այն էլ կանեմ, որովհետև ինձ համար միևնույն է կործանվելու եմ, ուրեմն և կարող եմ ամեն տեսակի խոզության դիմել։
 
Նստեցի մտածելու, թե ինչպես հասնեմ նպատակիս։ Շատ միջոցներ հիշեցի և վերջապես կանգ առա դրանցից մեկի վրա, որն ինձ թվաց ամենից ավելի հարմար։ Ես լավ աչքի անցկացրի փոքր֊ինչ ներքևում գտնվող անտառածածկ կղզու դիրքը, և հենց որ բավական մթնեց, լաստով ճանապարհ ընկա դեպի այդ կղզին, լաստը թաքցրի այնտեղ ու պառկեցի քնելու։ Ամբողջ գիշերը քնեցի։ Լույսը չբացված վեր կացա, նախաճաշեցի, հագա խանութից նոր գնած հագուստներս, հին շորերս և մյուս իրերս հավաքեցի, մի կապոց դարձրի, նավակ նստեցի և ուղևորվեցի դեպի ափը։ Դուրս եկա այնպիսի մի տեղ, որը, իմ կարծիքով, Ֆելփսի ագարակից ներքև պիտի լիներ։ Կապոցս թաքցրի անտառում, նավակը լցրի ջրով, քարեր գցեցի մեջը և գետակի ափին կառուցված մի սղոցարանից քառորդ մղոն ներքևում սուզեցի ջրի տակ, այն հաշվով, որ ուզած ժամանակ կարողանամ հեշտությամբ գտնել ու դուրս բերել։
 
Ճանապարհով բարձրացա, և երբ անցա սղոցարանի մոտով, ճակատին նկատեցի «Ֆելփսի սղոցարան» ցուցանակը։ Երբ հասա ագարակատներին, երկու֊երեք հարյուր քայլ այդտեղից հեռու, նայեցի շուրջս։ Թեև արդեն կատարյալ լույս էր, բայց ոչ ոքի չտեսա։ Այդ մասին չէի էլ մտածում, որովհետև առայժմ ոչ ոքի չէի ուզում տեսնել։ Ուզում էի միայն ծանոթանալ վայրին։ Իմ հաշվով պետք է ագարակ գայի ոչ թե գետի կողմից, այլ գյուղաքաղաքից։ Ուստի մի հայացք գցեցի շուրջս և շարունակեցի ճանապարհս ուղիղ դեպի քաղաք։ Երբ տեղ հասա, մեծ զարմանքով տեսա, որ ինձ հանդիպած առաջին մարդը դուքսն է։ Նա պատին փակցնում էր «Արքայական ընձուղտ» աֆիշը, միայն երեք ներկայացում, ինչպես որ գրել էին առաջին անգամ։ Այդ խաբեբաները դեռ երես ունեին նման բաներ անելու։ Ես ժամանակ չունեցա խույս տալու և ուղղակի կանգնեցի նրա առջև։ Նա, կարծես զարմացած, նայեց ինձ ու ասաց․
― Օհո՜։ Որտեղի՞ց եկար։ ― Ապա մի տեսակ ուրախացած հարցրեց, ― որտե՞ղ է լաստը, լավ տեղ թաքցրե՞լ ես։
 
― Հենց ինքս էի ուզում այդ մասին հարցնել ձերդ պայծառափայլությանը։
 
Այդ լսելիս տրամադրությունը մասամբ ընկավ․
 
― Ի՞նչ նպատակով ես ինձ հարցնում, ― ասաց նա։
 
― Դե՛հ, ― ասացի ես, ― երբ երեկ տեսա թագավորին այն գինետանը, ինքս ինձ ասացի, թ հնարավոր չէ նրան այդ վիճակում տուն տանել․ ժամեր են պետք, մինչև զգաստանա։ Դուրս եկա մի փոքր շրջելու քաղաքում և սպասելու։ Մի մարդ մոտեցավ ինձ ու առաջարկեց տասը ցենտ, որ օգնեմ իրեն, նավակը միասին տանենք գետի մյուս կողմը և այնտեղից բերենք մի ոչխար։ Ես էլ գնացի։ Բայց երբ ոչխարը քաշում էինք նավակի մեջ, մարդը պարանի ծայրը ինձ տվեց ու ինքը գնաց ետևից հրելու։ Ոչխարն ինձնից ուժեղ էր․ ձեռքիցս պոկվեց ու փախավ․ վազեցինք ետևից․ մեզ մոտ շուն չկար, և մենք ստիպված էինք հետապնդել այնքան ժամանակ, մինչև նա ուժասպառ կանգ առավ։ Երբ բռնեցինք, արդեն մթնել էր։ Ոչխարը բերեցինք քաղաք, և ես գնացի դեպի լաստը։ Երբ տեղ հասանք, տեսա, որ լաստը չկա։ Ինքս ինձ ասացի․ «Այս մարդիկ նեղության մեջ են ընկել և ստիպված են եղել փախչել, իրենց հետ տանելով նեգրին։ Աշխարհում իմ ունեցած միակ նեգրը դա էր, իսկ ես այժմ ընկել եմ օտար երկիր և ոչ մի սեփականություն, ոչինչ չունեմ, ոչ էլ ապրելու միջոց»։ Նստեցի ու սկսեցի լաց լինել։ Գիշերը քնեցի անտառում։ Բայց ի՞նչ եղավ լաստը․․․ Ջիմը․․․ խե՜ղճ Ջիմ․․․
 
― Անիծվեմ, եթե գիտեմ, թե ինչ եղավ լաստը։ Այդ ծեր հիմարը ինչ֊որ բան էր վաճառել և քառասուն դոլար էր ձեռք բերել։ Երբ մենք գտանք նրան գինետանը, թափառաշրջիկները բախտախաղով նրանից կորզել էին ամբողջ դրամը, բացի այն գումարից, որ նա վճարել էր խմիչքի դիմաց։ Եվ ուշ երեկոյան, երբ նրան տարա տուն, պարզվեց, որ լաստը չկա։ Մենք ասացինք «Այդ փոքրիկ սրիկան գողացել է մեր լաստը և մեզ լքելով՝ փախել»։
 
― Բայց մի՞թե ես կլքեի իմ նեգրին, ամբողջ աշխարհում իմ ունեցած միակ նեգրին, միակ սեփականությունը։
 
― Մենք այդ մասին երբեք չենք մտածել։ Փաստն այն է, որ մենք վարժվել ենք նրան մեր նեգրը համարել։ Այո, մերն էինք համարում։ Աստծուն է հայտնի, թե որքան նեղություն կրեցինք նրա համար։ Երբ տեսանք, որ լաստը չկա և մենք էլ կոտր ենք ընկել, մեզ ոչինչ չէր մնում, բացի մեկ անգամ էլ «Արքայական ընձուղտ» փորձելուց։ Իսկ ես առավոտից ժրաջան աշխատում եմ և չորացել եմ, ինչպես վառոդամանը։ Ո՞ւր է տասը ցենտը։ Տուր տեսնեմ։
 
Ինձ մոտ դրամ շատ կար։ Տասը ցենտ տվեցի, բայց խնդրեցի, որ ուտելու բան առնի և մի քիչ էլ ինձ տա, քանի որ իմ ունեցած ամբողջ դրամն այդ էր, և ես էլ երեկվանից ոչինչ չեմ կերել։ Նա ոչինչ չասաց։ Դարձավ իմ կողմն ու ասաց․
 
― Ի՞նչ ես կարծում, այդ նեգրը մեզ չի՞ մատնի։ Մենք նրան կմաշկենք, եթե նա այդպիսի բան անի։
 
― Ինչպե՞ս նա կարող է այդպիսի բան անել։ Չէ՞ որ նա փախել է։
 
― Ոչ, այդ ծերուկ հիմարը վաճառել է նրան, ինձ ստացածից ոչինչ չի տվել և դրամն էլ քամուն է տվել։
 
― Վաճառե՞լ է, ― ասացի ես և սկսեցի լաց լինել, ― բայց չէ՞ որ նա իմ նեգրն էր, և դրամն էլ իմը․․․ Որտե՞ղ է նա։ Ես իմ նեգրին եմ ուզում։
 
― Լավ, այլևս դու քո նեգրին տեր չես դառնա, ամեն ինչ վերջացել է, այնպես որ լացուկոծիդ վերջ տուր։ Ինձ նայիր, կարծում ես, թե կհամարձակվե՞ս մեզ մատնել։ Անիծվեմ, եթե քեզ հավատամ։ Իսկ եթե մեզ մատնես․․․
 
Նա կանգ առավ։ Ես երբեք չէի տեսել, որ դուքսն այդպես ահռելի հայացքով նայեր։ Ես շարունակեցի թնգթնգալ և ասացի․
 
― Ես ոչ ոքի մատնել չեմ ուզում, ոչ էլ ժամանակ ունեմ մատնելու․ ես պետք է գնամ՝ իմ նեգրին գտնեմ։
 
Երևում էր, որ ասածս դուր չեկավ, որովհետև նա կանգ առավ, մտածեց ու կնճռոտեց ճակատը։ Աֆիշները թրթռում էին նրա թևերին։ Վերջապես ասաց․
 
― Ես քեզ մի բան ասեմ։ Մենք այստեղ մնալու ենք երեք օր։ Եթե խոստանաս, որ չես մատնի մեզ և չես թողնի, որ քո նեգրը մատնի մեզ, ես կասեմ, թե որտեղ գտնես նրան։
 
Ես խոստացա չմատնել, և նա ասաց․
 
― Մի ֆերմեր, որի անունն է Սայլաս Ֆ․․․ ― և նա կանգ առավ։
 
Ինչպես տեսնում եք, նա ճշմարտությունն ասաց, բայց երբ այդ ձևով կանգ առավ ու նորից մտածմունքի մեջ ընկավ, ենթադրեցի, թե զղջաց։ Եվ, իսկապես, միտքը փոխեց։ Նա ինձ չէր վստահում և ուզում էր, որ այդ երեք օրն այդտեղ չլինեի։ Շուտով թե․
 
― Նրան գնող մարդու անունն Աբրամ Ֆոստեր է, Աբրամ Ջ․ Ֆոստեր, և նա ապրում է այստեղից քառասուն մղոն հեռու գյուղական մի շրջանում, Լաֆայետ տանող ճանապարհի վրա։
 
― Լավ, ― ասացի, ― երեք օրում քայլելով կհասնեմ, հենց այսօր կեսօրից հետո ճանապարհ կընկնեմ։
 
― Ոչ, մի՛ ուշացնի, հենց հիմա գնա, ժամանակ մի՛ կորցնի, ոչ էլ ճամփին սրա֊նրա հետ շաղակրատիր։ Լեզուդ քեզ քաշիր ու գնա, այդ դեպքում մեզանից քեզ ոչ մի վնաս չի հասնի, լսո՞ւմ ես։
 
Հենց իմ ուզածն էլ այդ էր, հենց դրա համար էի այդ դերը խաղում։ Ես ուզում էի ազատ լինել, որպեսզի իմ ծրագրերին հետևեի։
 
― Դե՛ գնա, ― ասաց նա, ― կարող ես միստր Ֆոստերին ասել, ինչ ուզում ես։ Գուցե կարողանաս համոզել, որ Ջիմը քո նեգրն է։ Որոշ հիմարներ փաստաթուղթ չեն պահանջում։ Համենայն դեպս հարավում, ինչպես լսել եմ, այդպիսի մարդիկ կան։ Եվ երբ դու նրան ասես, որ կեղծ են հայտարարությունն ու խոստացած պարգևը, գուցե նա հավատա քեզ, մանավանդ երբ բացատրես, թե ինչ նպատակով են դրանք պատրաստվել։ Այժմ ճանապարհ ընկիր և կարող ես նրան ասել, ինչ ցանկանում ես։ Միայն թե լսիր․ ճանապարհին լեզուդ քեզ պահիր։
 
Ես բաժանվեցի նրանից, ուղղություն վերցնելով դեպի այդ շրջանը։ Ետ չէի նայում, չնայած զգում էի, որ նա հետևում է ինձ։ Բայց չգիտեի, որ կարող եմ նրան շատ շուտ հոգնեցնել։ Առանց կանգ առնելու գնացի մի ամբողջ մղոն։ Ապա անտառի միջով ետ դարձա դեպի Ֆելփսի ագարակը։ Մտադիր էի իսկույն գործի անցնել, առանց դեսուդեն ընկնելու։ Ուզում էի, որ Ջիմը փակեր իմ բերանը, մինչև այս խարդախները հեռանային։ Այլևս դրանց հետ գործ ունենալու ցանկություն չունեի։ Արդեն կշտացել էի և այժմ ուզում էի գլուխս ազատել դրանցից։
 
==Գլուխ երեսուներկուերորդ==
 
 
Երբ հասա այդ կալվածքը, ամենուրեք խաղաղ էր, ինչպես կիրակի օրերը, շոգ ու արևոտ։ Աշխատող մարդիկ գնացել էին դաշտ։ Օդում նվաղուն բզզում էին բզեզներն ու ճանճերը, և դա առաջացնում էր ամայության ու տխրության զգացում։ Թվում էր, թե ամեն ինչ մեռած է։ Իսկ եթե զեփյուռը մեղմ փչում էր, և տերևները դողդողում էին, մարդու համակում էր սոսկալի մի զգացում․ թվում էր, թե ոգիներն են շշնջում, հոգիներն այն մարդկանց, ովքեր մեռել էին շատ տարիներ առաջ։ Միշտ մտածում ես, թե քո մասին են խոսում։ Ընդհանրապես դա մարդկանց մեջ մեռած լինելու ցանկություն է առաջացնում, որով և ամեն ինչ վերջանում է։
 
Ֆելփսի ագարակն այն փոքրիկ, աննշան պլանտացիաներից էր, որոնք բոլորն էլ նման են իրար։ Երկու ակրանոց<ref>Հողային չափ, 4047 ք․ մ․։</ref> բակը շրջափակված էր ձողերով։ Ցանկապատն անցնելու համար սանդուղք էին պատրաստել փայտի կոճղերից․ դրանք սղոցել էին տարբեր բարձրությամբ և շարել իրար կողքի այնպես, որ կարծես տարբեր երկարության տակառներ լինեին։ Կանայք այդ սանդուղքն օգտագործում էին նաև ձի հեծնելիս։ Ընդարձակ բակում տեղ֊տեղ երևում էին կծղած խոտեր, բայց մեծ մասամբ հողը մերկ էր ու հարթ, նման հին գլխարկի, որի մազմզուկը մաշվել թափվել է։ Բակում երևում էր կրկնակի կոճղերից կառուցված մի մեծ տուն, որտեղ ապրում էին սպիտակամորթները։ Գերանները հղկված էին, և արանքները լցված կավով կամ կրով։ Երևում էր, որ այս կավե շերտերը շատ վաղուց էին սպիտակեցրել։ Կլոր, չտաշած գերաններից պատրաստած խոհանոց, մեծ, լայն, կողքերը բաց, բայց վերևից ծածկված միջանցքով միանում էր տանը։ Խոհանոցի ետևում կոճղերից պատրաստել էին ապխտանոց։ Կար երեք փոքրիկ խրճիթ՝ նեգրերի համար։ Դրանք շարված էին իրար կողի ապխտանոցից այն կողմ։ Ահա մի փոքրիկ հյուղակ, բոլորովին առանձին՝ ցանկապատին կպած, իսկ մյուս կողմի վրա՝ մի քանի տուն։ Հյուղակի կողքին կար մոխիր հավաքելու տեղ, ինչպես և օճառ եփելու կաթսա։ Խոհանոցի դռան մոտ կար նստարան, կողքին մի ջրաման և մի ջրդդում։ Արևի տակ քնել էր մի որսաշուն։ Կային և այլ շներ՝ այս ու այն կողմ քնած։ Անկյունում կային ստվերախիտ երեք ծառ, ցանկապատի մոտ՝ հաղարջի թփուտներ, ցանկապատից դուրս՝ մի բանջարանոց և ձմերուկի մարդ։ Այնուհետև սկսվում էր բամբակի դաշտը, իսկ դաշտից այն կողմ՝ անտառը։
 
Ես պտտվեցի պարսպի շուրջը և մոխրակույտի վրա բարձրանալով՝ իջա բակը։ Շարժվեցի դեպի խոհանոցը։ Մի քանի քայլ էի անցել, երբ լսեցի ճախարակի անվի բարձրացող ու իջնող խուլ, ողբաձայն մրմունջը։ Այնքան տխուր էր այդ ձայնը, որ ես ցանկացա մեռնել։
 
Շարունակեցի շարժվել առաջ, առանց պատկերացնելու անելիքս, հույս դնելով միայն նախախնամության վրա։ Աստծո օգնությամբ հարկ եղած դեպքում մի բան կանեմ։ Մինչ այդ հաճախ էի նկատել, որ նախախնամությունը միշտ էլ օգնել է, երբ ինքս նրան չեմ խանգարել։
 
Ճանապարհի կեսն անցել էի, երբ մի շուն, ապա մի ուրիշը վրա տվին։ Կանգ առա ու նայեցի նրանց՝ առանց տեղիցս շարժվելու։ Մեկ էլ որ հաչեցին, քառորդ րոպե չանցած ես, շրջապատված շներով, նման էի անվակենտրոնի, իսկ դրանք կարծես անվաճաղեր լինեին։ Տասնհինգ շնից կազմված օղակը շրջապատել էր ինձ, վզերն ու քթները դուրս պրծած՝ հաչում ու կաղկանձում էին։ Գալիս էին և նորերը։ Պետք էր տեսնել, թե ինչպես դրանք թռչում են ցանկապատերի վրայով, վրա տալիս անկյուններից ու բոլոր կողմերից։
 
Մի նեգր կին, գրտնակը ձեռքին, դուրս վազեց խոհանոցից, և բղավեց․ «Կորե՛ք, Վա՛գր, Սփո՛թ, հեռացե՛ք, սը՛ր»։ Նա նախ մեկին և ապա մյուսին գրտնակով խփեց։ Շները կաղկանձելով հեռացան, մնացածները հետևեցին նրանց։ Հաջորդ վայրկյանին նրանց կեսը ետ եկավ և շրջապատեց ինձ։ Պոչները շարժելով ուզում էին ինձ հետ բարեկամանալ։ Շունը երբեք վնաս չի տա մարդուն։
 
Կնոջ ետևից եկան մի փոքրիկ նեգր աղջիկ և երկու փոքրիկ նեգր տղա, որոնց հագին քաթանե շապիկներից բացի, ոչինչ չկար։ Նրանք մոր զգեստից կախված գաղտագողի նայում էին ինձ փոքրերին հատուկ ամաչկոտությամբ։ Ահա դուրս վազեց նաև քառասունհինգ֊հիսուն տարեկան սպիտակամորթ մի կին՝ գլխաբաց և իլիկը ձեռքին։ Մորն էին հետևում փոքրիկ, սպիտակ երեխաները։ Սրանք էլ վարվեցին այնպես, ինչպես փոքրիկ նեգրերը։ Այդ կինն այնպես էր ծիծաղում, որ հազիվ էր կարողանում ոտքի վրա կանգնել։ Նա ասաց․
 
― Դո՜ւ ես, վերջապես եկա՞ր, հա՞։
 
Առանց երկար֊բարակ մտածելու վրա բերեցի․
 
― Այո, տիկին։
 
Նա ինձ գրկեց ու ամուր սեղմեց իր կրծքին, ապա բռնեց ձեռքերս, երկար֊երկար ցնցեց։ Աչքերը լցվեցին արցունքներով, և տաք շիթերը գլորվեցին այտերն ի վար։ Նա գրկելուց ու ցնցելուց չէր հագենում և անընդհատ ասում էր․
 
― Դու այնքան էլ մորդ նման չես, որքան ենթադրում էի, բայց դա ի՞նչ նշանակություն ունի։ Որքա՜ն ուրախ եմ, որ տեսնում եմ քեզ։ Սիրելիս, սիրելիս, քիչ է մնում՝ ուտեմ քեզ։ Երեխաներ, սա ձեր մորաքրոջ որդի Թոմն է, բարևեցեք։
 
Բայց երեխաները կախեցին գլուխները, մատները դրեցին բերանները և թաքնեվեցին նրա ետևում։ Կինը շարունակեց․
 
― Լիզա՛, շտապի՛ր, տաք նախաճաշ բեր, շո՛ւտ։ Նավում նախաճաշե՞լ ես։
 
Ասացի, որ նախաճաշել եմ։ Նա ձեռքս բռնած ինձ տարավ տուն, երեխաները հետևեցին մեզ։ Տանը նա ինձ նստեցրեց մեջտեղը ճեղքված ծղոտե մի աթոռի, երկու ձեռքերս բռնած՝ ասաց․
 
― Հիմա կարող եմ կուշտ նայել քեզ։ Աստվա՜ծ իմ, քանի՜ տարի եմ երազել քեզ տեսնել, և վերջապես այդ օրը հասավ։ Երկու օր է, նույնիսկ ավելի, որ սպասում էինք քեզ։ Ինչո՞ւ ուշացար․ նավը ծանծաղո՞ւտն ընկավ, ի՞նչ է։
 
― Այո, տիկին, նավը․․․
 
― Մի ասա, «այո տիկին», ասա մորաքույր Սալլի․․․ Որտե՞ղ նավը ծանծաղուտն ընկավ։
 
Չգիտեի, թե ինչ ասեմ․ ի՞նչ իմանայի՝ նավը գետի հոսանքո՞վ պիտի բարձրանար, թե՞ ցած իջներ։ Բայց ես բնազդով հաճախ էի առաջնորդվում, և բնազդս հուշեց, որ նավը պետք է Նոր Օռլեանից գետն ի վեր եկած լինի։ Դա էլ ինձ շատ չօգնեց․ չգիտեի այդ ճանապարհի վրա եղած ծանծաղուտների անունները։ Զգում էի, որ պետք է մի ծանծաղուտ հնարեմ կամ ասեմ, թե մոռացել եմ այդ տեղի անունը, ուր նավը նստեց, կամ․․․ հանկարծ գլխումս մի միտք ծագեց, և ես շարունակեցի․
 
― Հարցը ծանծաղուտ ընկնելը չէ, դա մեզ շատ չուշացրեց։ Շոգենավի մի գլանի գլուխը պայթեց։
 
― Ողորմա՜ծ տեր, մարդ վնասվե՞ց։
 
― Բարեբախտություն է, որովհետև երբեմն մարդիկ էլ են վնասվում։ Երկու տարի առաջ ջրօրհնեքին, երբ հորեղբայր Սայլասը, Նոր Օռլեանից գալիս էր «Լալլի Ռուք» նավով, գլանի գլուխը պայթեց, և մի մարդ դարձավ հաշմանդամ։ Երևի հետագայում մեռավ։ Այդ մարդը բապտիստ էր։ Հորեղբայրդ՝ Սայլասը, ծանոթ էր Բատոն֊Ռուժում ապրող մի ընտանիքի, որը լավ էր ճանաչում այդ մարդու ազգականներին։ Այո, լավ եմ հիշում․ նա մեռավ։ Սկսվեց մարմնի մասերի անզգայացում, և ստիպված եղան անդամահատել։ Բայց դա չփրկեց նրան։ Այո, անզգայացում․․․ ամբողջ մարմինը կապտեց, և նա մեռավ փառավոր հարության հույսով։ Ասում են, սարսափելի էր նայելը։ Հորեղբայրդ ամեն օր գնում էր քաղաք՝ քեզ բերելու։ Այսօր էլ է գնացել, մոտ մեկ ժամ առաջ։ Հիմա ուր որ է կգա։ Պետք է որ ճանապարհին հանդիպեիք․․․ չհանդիպեցի՞ք։ Ծերունի է․․․
 
― Ոչ, ոչ ոքի չհանդիպեցի, մորաքույր Սալլի։ Նավն ափին մոտեցավ լուսաբացին։ Ճամպրուկս թողեցի նավամատույցում և գնացի քաղաք շրջելու։ Մի փոքր էլ դաշտերում զբոսնեցի, որ ժամանակ անցնի, և շատ կանուխ չգամ այստեղ։ Այնպես որ այլ ճանապարհով եկա այստեղ։
 
― Իսկ ո՞ւմ մոտ թողեցիր ճամպրուկը։
 
― Ոչ ոքի։
 
― Ինչպե՞ս թե, տղաս, կգողանան։
 
― Որտեղ թաքցրել եմ, այնտեղից չեն գողանա, ― ասացի ես։
 
― Ինչպե՞ս այդքան վաղ նավի վրա նախաճաշեցիր։
 
Բավական նուրբ հարց էր, բայց ես պատասխանեցի․
 
― Նավապետը տեսավ ինձ մի կողմ կանգնած և ասաց, որ լավ կլինի նախքան ափ դուրս գալը մի բան ուտեմ։ Ինձ տարավ նավաստիների սենյակը՝ սպաների նախաճաշին և ինձ տվեց այն ամենը, ինչ ուզում էի։
 
Ես այնքան էի հուզվել, որ չէի կարողանում կարգին լսել նրա ասածները։ Ամբողջ ժամանակ ուշքս ու միտքս երեխաների կողմն էր։ Ուզում էի նրանց մի կողմ տանել, որոշ գաղտնիքներ կորզել, իմանալ, թե ես ով եմ։ Բայց դա հնարավոր չեղավ։ Միսիս Ֆելփսը շարունակեց իր հարց ու պատասխանը։ Շուտով նույնիսկ դող անցավ մարմնովս, երբ նա ասաց․
 
― Ամբողջ ժամանակ այսպես խոսում ենք, բայց դու ոչինչ չասացիր քրոջս կամ մյուսների մասին։ Հիմա ես կլռեմ, իսկ դու պատմիր ձերոնց մասին։ Ամեն ինչ պատմիր, բոլորի մասին, ամեն ինչ ասա, ինչպե՞ս են ձերոնք, ի՞նչ են անում, ի՞նչ ասացին, որ ինձ ասես․ ամեն մի մանրամասնություն, որ կարող ես մտաբերել։
 
Տեսա, որ բռնվեցի, այն էլ ինչպե՜ս։ Մինչև այժմ նախախնամությունն իմ կողմն էր, բայց այժմ խոր թաղվեցի տիղմի մեջ։ Զգացի, որ այլևս միտք չուներ շարունակել․ պետք է ձեռքերս վեր բարձրացնեի։ Ինքս ինձ ասացի․ ահա նորից պետք է սիրտ անեմ և ասեմ ճշմարտությունը։ Բերանս բաց արի, որ խոսեմ, բայց նա հանկարծ բռնեց ինձ ու քշեց մահճակալի ետևը, ասելով․
 
― Ահա, գալիս է։ Ցածրացիր, գլուխդ չերևա․ ա՛յ, այդպես լավ է․ չես երևում։ Ձայն չհանես, թե եկել ես։ Նրա հետ խաղ եմ խաղալու։ Երեխաներ, ոչինչ չասեք։
 
Տեսա, որ դժվար կացության մեջ եմ ընկել։ Բայց անհանգստանալն անօգուտ էր, ոչինչ չէր մնում անելու, բացի լուռ սպասելուց և որոտ ու կայծակին պատրաստ լինելուց։
 
Ես հազիվ նշմարեցի ծեր ջենտլմենին, երբ նա ներս մտավ։ Այնուհետև մահճակալը թույլ չէր տալիս տեսնել նրան։ Միսիս Ֆելփսը ընդառաջ վազեց և հարցրեց․
 
― Եկա՞վ։
 
― Ոչ, ― պատասխանեց ամուսինը։
 
― Աստվա՜ծ իմ, ― բացականչեց միսիս Ֆելփսը, ― ի՞նչ կարող է պատահած լինել։
 
― Չեմ կարող պատկերացնել, ― ասաց ջենտլմենը, ― պետք է ասեմ, որ դա սարսափելի անհանգստացնում է ինձ։
 
― Անհանգստացնո՜ւմ, ― ասաց կինը, ― ես պատրաստ եմ խելագարվելու։ Պետք է որ նա եկած լինի, երևի ճանապարհին չես նկատել։ Հաստատ գիտեմ։ Սիրտս ասում է, որ այդպես պետք է լինի։
 
― Ի՞նչ ես ասում, Սալլի, ես ճանապարհին չէի կարող չհանդիպել նրան, դու հո գիտես։
 
― Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ, ի՞նչ կասի քույրս։ Պետք է տղան եկած լիներ։ Չես հանդիպել։ Նա․․․
 
― Սիրտս մի՛ կոտրիր։ Առանց այդ էլ սիրտս կոտրված է։ Չգիտեմ, ինչ ասեմ։ Ուղղակի շվարել եմ, խոստովանում եմ։ Ոչ մի հույս չունեմ, թե կգա․ չէր կարող պատահել, որ նա գար, և ես չհանդիպեի։ Սարսափելի է, Սալլի, սարսափելի․ անպայման նավին մի բան է պատահել։
 
― Օ՜յ, Սայլաս, նայի՛ր այն կողմ, ճանապարհին, ինչ֊որ մեկը գալիս է, չէ՞։ Ծերունին շարժվեց դեպի մահճակալի գլխավերևի պատուհանը, և դա հնարավորություն տվեց միսիս Ֆելփսին արագ կռանալ և ինձ դուրս քաշել։ Ես դուրս եկա։ Երբ միստր Ֆելփսը շուռ եկավ, կինը կանգնած շողշողում ու ծիծաղում էր։ Ես, շվարած ու քրտնքի մեջ կորած, կանգնել էի մի կողմ։ Ծեր ջենտլմենը, աչքերը հառած, հարցրեց․
 
― Ո՞վ է դա։
 
― Քո կարծիքով ո՞վ կարող է լինել։
 
― Չգիտեմ։ Ո՞վ է։
 
― Թոմ Սոյերն է։
 
Ազնիվ խոսք, քիչ էր մնում ամոթից գետինը մտնեի։ Բայց ժամանակ չեղավ հասկանալու, թե ի՛նչ պետք է անել։ Ծերունին բռնեց իմ ձեռքն ու երկար թոթվեց, և ամբողջ ժամանակ ինչպե՜ս էր պարում կինը, ծիծաղում ու լաց լինում։ Այնուհետև ինչպե՜ս էին նրանք հարցեր տեղում գլխիս Սիդի, Մերիի ու մյուս ազգականների մասին։
 
Եթե նրանք ցնծության մեջ էին, ապա նրանց ուրախությունն իմ ուրախության հետ համեմատ ոչինչ էր։ Կարծես նորից ծնվեցի։ Այնքա՜ն ուրախ էի, որ իմացա, թե ով եմ ես։ Նրանք ինձ երկու ժամ չարչարեցին։ Վերջապես, երբ իմ ծնոտն այնքան հոգնեց, որ հազիվ թե այլևս կարողանար շարժվել, ստիպված եղա այնքան բան պատմել մեր ընտանիքի, այսինքն՝ Թոմ Սոյերի ընտանիքի մասին, որ կբավականացներ վեց այդպիսի ընտանիքի։ Պատմեցի, թե ինչպես Սպիտակ գետի գետաբերանում մենք պայթեցրինք մի շոգեկաթսա, և կարգի բերելը մեզանից երեք օր խլեց։ Գործը շատ հարթ գնաց և շատ լավ տպավորություն թողեց, քանի որ նրանք այդ գործից ոչինչ չէին հասկանում, միայն գիտեին, որ կաթսան կարգի բերելու համար երեք օր է պահանջվում։ Եթե ասեի, թե սողնակի գլուխը պայթեց, նույնպես նպատակիս հասած կլինեի։
 
― Այժմ ես ինձ մի կողմից շատ հանգիստ էի զգում, մյուս կողմից՝ շատ անհանգիստ։ Հանգիստ ու դուրեկան էր լինել Թոմ Սոյեր, և այդպես հանգիստ ու դուրեկան մնաց, մինչև լսեցի գետով իջնող շոգենավի հևոցը։ Ինքս ինձ ասացի․ «Չլինի՞ հանկարծ Թոմ Սոյերը դրանով գա, և հանկարծ մտնի այս սենյակը, և իմ անունը տա, նախքան ես կկարողանամ աչքով անել ու հասկացնել, որ լուռ մնա։
 
Ինչ որ է, ես չէի կարող այդպիսի բան թույլ տալ․ դա բոլորովին ձեռնտու չէր, պետք է գնայի և ճանապարհին սպասեի նրան։ Ասացի, որ մտադիր եմ գնալ քաղաք և բերել ճամպրուկս։ Ծեր ջենտլմենն ուզում էր ինձ հետ գալ, բայց ես ասացի, որ կարիք չկա, ինքս կարող եմ ձին քշել և չեմ ուզում նեղություն տալ։
 
 
==Գլուխ երեսուներեքերորդ==
 
 
Կառքով ուղևորվեցի քաղաք։ Ճանապարհի կեսն անցել էի, երբ տեսա դիմացից եկող մի կառք։ Կասկած չկար, որ սա Թոմ Սոյերն էր։ Ես կանգ առա և սպասեցի, մինչև նա հասավ ինձ։ Ես ձայն տվի․ «Կանգնիր», և կառքը կանգ առավ իմ կողքին։ Թոմ Սոյերի բերանը բացվեց, ինչպես արկղի կափարիչը, և այլևս չփակվեց։ Նա երկու֊երեք անգամ կուլ տվեց թուքը, կարծես կոկորդը չորացած լիներ, և ապա ասաց․
 
― Ես երբեք քեզ վնաս չեմ տվել։ Դու այդ գիտես, էլ ինչո՞ւ ես այն աշխարհից վերադարձել։ Ինձանից ի՞նչ ես ուզում։
 
― Ես ետ չեմ եկել, ոչ էլ գնացած եմ եղել։
 
Ձայնս լսելով՝ նա փոքր֊ինչ սրտապնդվեց, բայց դեռ անհանգիստ էր։
 
― Գլխիս խաղ չխաղաս, չէ՞ որ ես էլ քո գլխին խաղ չեմ խաղացել։ Երդվիր հնդկացու ազնիվ խոսքով, որ դու ուրվական չես։
 
― Հնդկացու ազնիվ խոսք․ ուրվական չեմ։
 
― Լավ, ես․․․ լավ, պետք է, որ դրանով հարցը փակված համարենք, բայց մի տեսակ հավատս չի գալիս, ոչ մի կերպ։ Նայիր ինձ․ մի՞թե դու չես սպանվել։
 
― Ոչ։ Ես երբեք չեմ սպանվել։ Այդ խաղը ես եմ խաղացել նրանց գլխին։ Մոտ արի և շոշափիր ինձ, եթե չես հավատում։
 
Թոմը մոտեցավ, շոշափեց ինձ և դա հանգստացրեց նրան։ Այժմ նա այնպես էր ուրախացել նորից ինձ տեսնելու համար, որ չգիտեր, թե ինչ անի։ Ցանկանում էր ամեն ինչ անմիջապես իմանալ, որովհետև դա հոյակապ արկած էր, խորհրդավոր և դիպչում էր նրա սրտին։ Բայց ես ասացի, թե հետո առանձին կպատմեմ։ Նրա կառապանին պատվիրեցի սպասել, իսկ մենք իմ կառքով մի փոքր առանձնացանք։ Ես պատմեցի, թե ինչ վիճակի մեջ եմ ընկել։ Հարցրի, թե իր կարծիքով ի՞նչ անենք, որ լավ լինի։ Նա խնդրեց, որ իրեն մի րոպե հանգիստ թողնեմ և չխանգարեմ։ Երկար֊բարակ մտածեց և շուտով ասաց․
 
― Շատ լավ․ գտա միջոցը։ Իմ սնդուկը տար քո կառքով, իբր թե դա քոնն է։ Դանդաղ գնա, այն հաշվով, որ տուն հասնես որոշված ժամին։ Ես մի փոքր թրև կգամ քաղաքում և տուն կհասնեմ քեզանից քառորդ կամ կես ժամ հետո։ Սկզբում այնպես ցույց տուր, թե չես ճանաչում ինձ։
 
― Ես ասացի․
 
― Շատ լավ, բայց մի րոպե սպասիր։ Մի բան էլ կա, մի բան, որի մասին ինձանից բացի ոչ ոք չգիտե։ Բանն այն է, որ այստեղ մի նեգր կա, որին աշխատում եմ գողանալ և ազատել ստրկությունից։ Անունը Ջիմ է՝ պառավ Ուոթսոնի Ջիմը։
 
Նա ասաց․
 
― Ի՞նչ, չէ՞ որ Ջիմը․․․
 
Նա մտածմունքի մեջ ընկավ։ Ես ասացի․
 
― Գիտեմ, թե ինչ ես ասելու։ Ասելու ես, որ դա կեղտոտ, ստոր գործ է։ Բայց ի՞նչ անենք։ Ես ինքս եմ ստոր։ Մտադիր եմ գողանալ նրան և ուզում եմ, որ լուռ մնաս ու ոչ ոքի չասես։ Համաձա՞յն ես։
 
Նրա աչքերը պայծառացան․
 
― Ես այդ գործում կօգնեմ քեզ։
 
Այդ լսելիս ես թուլացա․ կարծես ինձ վրա կրակեցին։ Կյանքումս այդքան անսպասելի բան չէի տեսել։ Ճիշտն ասած, Թոմ Սոյերը շատ ընկավ իմ աչքից։ Միայն թե չէի կարող հավատալ նրա խոստումին․ Թոմ Սոյերը նեգր գողացո՜ղ։
 
― Էհ, ― ասացի ես․ ― կատակ եմ անում։
 
― Իսկի էլ չէ։
 
― Լավ, ուրեմն, ― ասացի ես, ― կատակ է թե կատակ չէ, ասեմ, որ եթե լսես որևէ փախած նեգրի մասին, չմոռանաս, որ դու էլ ինձ նման ոչինչ չգիտես։
 
Այնուհետև վերցրինք սնդուկը, դրինք իմ կառքը, ապա նա գնաց մի կողմ, ես՝ մի ուրիշ կողմ։ Բայց ես, իհարկե, այնքան էի ուրախացել և այնքան տարվել մտքերով, որ մոռացել էի, թե դանդաղ պիտի գնամ։ Տուն հասա շատ շուտ, եթե նկատի ունենանք երկար ճանապարհը։ Ծեր ջենտլմենը դռան առջևն էր և ասաց․
 
― Օ՜, զարմանալի է։ Ո՞վ կմտածեր, թե իմ մատակը կարող է այդքան արագ վազել։ Լ ավ կլիներ, որ իմանայինք ժամը քանիսին գնացիր։ Մի մազ էլ չի քրտնել, ոչ մի մազ։ Զարմանալի է։ Եթե վաճառեմ, հարյուր դոլարից պակաս չեմ պահանջի, ազնիվ խոսք։ Իսկ առաջ համաձայն էի տասնհինգի, կարծելով, թե ավելին չարժե։
 
Ուրիշ ոչինչ չասաց։ Ես ավելի անմեղ, ավելի լավ ծերունու կյանքումս չէի տեսել։ Բայց դա զարմանալի չէր, որովհետև նա ոչ միայն երկրագործ էր, այլև քարոզիչ։ Պլանտացիայի ետևում ուներ փոքրիկ մի եկեղեցի, որն ինքն էր կառուցել իր ծախսով և որը միաժամանակ նաև դպրոց էր։ Նա երբեք ոչինչ չէր պահանջում իր քարոզների համար և չարժեր պահանջել։ Հարավում նրա նման այլ երկրագործ քարոզիչներ շատ կային, որոնք նույն ձևով էին վարվում։
 
Մոտ կես ժամ հետո Թոմի կառքը կանգնեց ցանկապատի դիմաց։ Մորաքույր Սալլին դեռ հիսուն յարդ հեռավորության վրա տեսավ նրան պատուհանից և ասաց․
 
― Ահա, ինչ֊որ մեկը գալիս է։ Հետաքրքիր է՝ ո՞վ է։ Կարծում եմ, օտարական է, Ջիմմի (դա երեխաներից մեկն էր), գնա, ասա Լիզային մեկ ափսե էլ դնի ճաշի համար։
 
Բոլորը նետվեցին դեպի դիմացի դուռը, որովհետև, իհարկե, ամեն տարի օտարական չի գալիս, հետևաբար այսպիսի այցելությունները ավելի շատ են հետաքրքրություն առաջացնում, քան դեղին տենդը։ Թոմը բարձրացել էր պատնեշը և իջնում էր ցած։ Կառքն արդեն ճանապարհով ետ էր գնում դեպի քաղաք։ Մենք բոլորս հավաքվել էինք դռան առջև։ Թոմը հագել էր նոր շորեր և ուներ մեզ նման հանդիսականներ։ Իսկ դա նրա համար ամեն ինչ էր։ Նման պարագաներում նրա համար դժվար չէր համապատասխան ոճ գտնել։ Նա այն տղաներից չէր, որ այդ բակով հեզահամբույր շարժվեր ինչպես ոչխարը։ Քայլում էր խոյի պես հանգիստ ու ինգնագոհ։ Երբ մոտեցավ մեզ, այնքա՜ն շնորհալի ու քնքշորեն հանեց գլխարկը, կարծես թե դա մի տուփի կափարիչ լիներ, որի մեջ ննջում էին թիթեռնիկներ, և նա չի ուզում խռովել նրանց հանգիստը։ Նա ասաց․
 
― Նա ասաց, եթե չեմ սխալվում, միստր Արչիբալդ Նիկոլս։
 
― Ոչ, տղաս, ― ասաց ծեր ջենտլմենը, ― ցավում եմ, ցավում եմ, որ ձեր կառապանը խաբել է ձեզ։ Նիկոլսի ագարակը մոտ երեսուն մղոն ներքև է։ Ներս եկեք, ներս եկեք։
 
Թոմն ուսի վրայից ետ նայեց ու ասաց․
 
― Արդեն ուշ է, նա այլևս չի երևում։
 
― Այո, որդիս, նա գնաց, իսկ դուք ներս եկեք և մեզ հետ ճաշեք։ Հետո մենք կառքը կլծենք ու ձեզ կտանենք Նիկոլսի ագարակը։
 
― Օ՜, ես չեմ կարող ձեզ այդքան նեղություն պատճառել։ Ինչպե՞ս կարելի է։ Ոտքով կգնամ։ Երեք մղոնն ինձ համար ի՞նչ է որ․․․
 
― Բայց մենք թույլ չենք տա, որ ոտքով գնաս․ դա չի համապատասխանում հարավի հյուրընկալությանը։ Դե՛հ, համեցեք ներս։
 
― Օ՜, համեցեք, ― ասաց մորաքույր Սալլին, ― դա մեզ համարյա բոլորովին էլ նեղություն չէ։ Ի՞նչ նեղություն։ Անպայման մնացեք։ Դա փոշոտ, երկար ճանապարհ է, երեք մղոն, և մենք չենք կարող թույլ տալ, որ ոտքով գնաք։ Բացի այդ, երբ ես տեսա ձեզ, արդեն ասացի, որ սեղանի վրա մի աման էլ դնեն։ Ուրեմն, չպետք է մեզ հուսախաբ անեք։ Դե՛, անմիջապես ներս եկեք և ձեզ զգացեք ինչպես ձեր տանը։
 
Թոմը, թույլ տալով, որ համոզեն իրեն, սրտանց և կիրթ ձևով շնորհակալություն հայտնեց ու ներս մտավ։ Երբ ներսում էր, ասաց, որ ինքը Օհայո նահանգի Հիքսվիլից է, և իր անունը Վիլյամ Թոմսոն է։ Եվ նորից գլուխ տվեց։
 
Նա խոսեց, խոսեց, հազար ու մի բան պատմեց Հեքսվիլի և այնտեղ ապրող բոլոր մարդկանց մասին։ Ինչե՜ր էր հնարում։ Դա ինձ մասամբ ջղայնացնում էր․ մտածում էի, թե նրա պատմությունը ինչո՛վ էր ինձ օգնելու, որ դուրս գամ այդ վիճակից։ Վերջապես, նա վեր կացավ, առանց իր փչոցը դադարեցնելու, ուղղակի համբուրեց մորաքույր Սալլիի շրթունքները, ապա նորից հանգիստ նստեց իր աթոռին ու շարունակեց խոսել։ Մորաքույր Սալլին վեր թռավ, ձեռքով սրբեց շրթունքներն ու ասաց․
 
― Հանդո՛ւգն լակոտ։
 
Թոմ Սոյերը կարծես իրեն վիրավորված զգաց։
 
― Զարմանում եմ ձեզ վրա, տիկին։
 
― Զարմանո՞ւմ։ Ինչո՞ւ, քո կարծիքով ի՞նչ եմ ես։ Հիմա կվերցնեմ, և․․․ Ասա՛, ի՞նչ փչեց խելքիդ, ինչո՞ւ ինձ համբուրեցիր։
 
Թոմ Սոյերը ասես ընկճվելով ասաց․
 
― Հենց այնպես, տիկին։ Խելքիս ոչ մի բան էլ չփչեց։ Ես․․․ ես․․․ կարծում էի, թե դա ձեզ դուր կգա։
 
― Ինչպե՞ս թե, հիմարի գլուխ, ― և նա վերցրեց իլիկը և այնպիսի տեսք ընդունեց, կարծես թե հազիվ կարողանար զսպել իրեն, որ Թոմի գլխին չհասցնի, ― ի՞նչն ստիպեց քեզ մտածել, որ դա ինձ դուր կգա։
 
― Չգիտեմ։ Միայն թե․․․ Ինձ ասացին, թե կուզենաք․․․
 
― Ասացին, թե ես ուզում եմ․․․ ով որ քեզ այդպիսի բան է ասել, մի խելագար էլ նա է։ Ես երբեք չեմ լսել նման բան։ Այդ ո՞վ ասաց․․․
 
― Բոլորն էլ ասում էին, տիկին։
 
Տիկինը հազիվ էր իրեն զսպում։ Նրա աչքերը փայլատակում էին, մատներն այնպես էին շարժվում, կարծես ուզում էր ծվատել տղային։ Նա ասաց․
 
― Ցավում եմ։ Ես այսպիսի բան չէի սպասում։ Ինձ ասացին, որ պետք է համբուրել, բոլորն ասացին․ ասացին՝ համբուրիր․ դա նրան դուր կգա։ Բոլորն ասացին․․․ ամեն մարդ։ Ցավում եմ, տիկին, այլևս չեմ անի, ազնիվ խոսք, չեմ անի։
 
― Էլ չես անի, չէ՞։ Լավ, ընդունենք, որ էլ չես անի։
 
― Չեմ անի, տիկին։ Ազնիվ խոսք։ Այլևս չեմ համբուրի, մինչև դուք չխնդրեք։
 
― Մինչև ես չխնդրե՜մ։ Ես կյանքումս այսպիսի բան չէի տեսել։ Ասածդ երբեք չի լինի, թեկուզ դու ապուշ Մաթուասիլի<ref>Ըստ Աստվածաշնչի՝ երկարակյաց ծերունի։</ref> նման երկար ապրես։
 
― Լավ, ― ասաց Թոմ Սոյերը, ― զարմանալի է։ Ոչինչ չեմ հասկանում։ Ասում էին, թե ուզում եք, և ես էլ կարծեցի, թե ուզում եք, բայց․․․ ― նա լռեց ու կամաց նայեց շուրջը․ կարծես թե ուզում էր բարեկամական հայացքի հանդիպել, և կանգ առավ ծեր ջենտլմենի վրա․
 
― Դուք չէի՞ք կարծում, թե նա ուզում էր, որ ես իրեն համբուրեի, սըր։
 
― Ո՛չ։ Ես․․․ ես․․․ Լավ, ո՛չ, ես այդպիսի բան չեմ մտածել։
 
Ապա նա նորից նայեց շուրջը և, ինձ գտնելով, ասաց․
 
― Թո՛մ, դու չէի՞ր մտածում, թե մորաքույր Սալլին կպարզի թևերը և կասի․ «Սի՛դ Սոյեր»։
 
― Աստվա՜ծ իմ, ― գոչեց տիկինը և նրան ընդհատելով վրա պրծավ, ― ա՛խ, դու, անամո՛թ, փոքրի՛կ սրիկա, այդպե՞ս ես ինձ մոլորեցնում։ Նա ուզեց գրկել տղային, բայց Թոմը հեռու պահեց նրան ու ասաց․
 
― Ոչ։ Չեմ թույլ տա, մինչև չխնդրեք։
 
Մորաքույր Սալլին ժամանակ չկորցրեց, խնդրեց, գրկեց և համբույրներ տեղաց։ Ապա մնացածը հանձնեց ծեր ջենտլմենին։ Կարճ դադարից հետո մորաքույր Սալլին ասաց․
 
― Աստվա՜ծ իմ, ա՛յ քեզ իսկական անակնկալ։ Մենք քեզ բոլորովին չէինք սպասում, կարծում էինք՝ միայն Թոմը կլինի։ Քույրս երբեք չի գրել, թե մեկ ուրիշն էլ կգա։
 
― Պատճառն այն է, որ Թոմից բացի ոչ ոք մտադիր չէր գալ, ― ասաց նա, ― բայց ես այնքան խնդրեցի, որ վերջին րոպեին նա ինձ էլ թույլ տվեց։ Գետով իջնելիս ես և Թոմը մտածում էինք, թե չափազանց անսպասելի բան կլինի, եթե նախ ինքը գա տուն, իսկ ես հետևեմ իրեն ու առանձին ներս մտնեմ որպես օտարական։ Բայց դա սխալ էր, մորաքույր Սալլի։ Սա հարմար տեղ չէ օտարականի համար։
 
― Ո՛չ, չարաճճի լակոտների տեղ չէ, Սիդ։ Դեռ պետք է մի ապտակ էլ տված լինեի։ Չգիտեմ, թե որքան ժամանակ ես այդպես չէի հուզվել։ Ինչ որ է, հաշվի չեմ առնում․ ուրախությամբ կտանեի հազար այդպիսի կատակ, միայն թե ձեզ տեսնեի։ Պատկերացրու այդ արարքը։ Չեմ թաքցնում, ապուշ կտրեցի, երբ ինձ համբուրեցիր։
 
Մենք ճաշեցինք տան և խոհանոցի միջև ընկած բաց, լայն միջանցքում։ Սեղանի վրա այնքան բան կար, որ կբավականացներ յոթ ընտանիքի։ Ամեն ինչ տաք էր և ոչ նման այն կոշտ մսին, որ ամբողջ գիշերը պահում են խոնավ մառանում և որից առավոտյան դիակի հոտ է փչում։ Նման միս կուտի միայն ծերացած մարդակերը։
 
Հորեղբայր Սայլասը երկար օրհնեց սեղանը, որն արժանի էր դրան, բայց և այնպես կերակուրը չսառեց։ Մինչդեռ հաճախ նկատել եմ, որ աղոթքի ընթացքում ճաշը սառչում է։
 
― Կեսօրից հետո բավական շատ խոսեցինք, և ամբողջ ժամանակ ես ու Թոմն զգուշորեն հետևում էինք նրանց խոսակցությանը, թեև իզուր։ Նրանք ոչինչ չասացին փախած նեգրի մասին, իսկ մենք վախենում էինք այդ մասին նույնիսկ նվազագույն ակնարկ անելուց։ Բայց երեկոյան ընթրիքի ժամանակ փոքրիկ տղաներից մեկն ասաց․
 
― Հայրիկ, կարո՞ղ եմ ես Թոմի ու Սիդի հետ ներկայացման գնալ։
 
― Ոչ, ― ասաց ծերունին, ― կարծում եմ՝ ներկայացումը տեղի չի ունենա, իսկ եթե լինի էլ, չարժե գնալ․ փախած նեգրը Բարթոնին և ինձ ամեն ինչ պատմեց այդ խայտառակ ներկայացման մասին։ Բարթոնն ասաց, որ ինքն այդ մասին կհայտնի ժողովրդին։ Կարծում եմ, որ այդ հանդուգն խաբեբաներին արդեն քշած կլինեն քաղաքից։
 
Ահա թե ինչպիսին էր դրությունը։ Բայց ես ոչինչ անել չէի կարող։ Թոմը և ես քնելու էինք նույն սենյակում, նույն մահճակալի վրա։ Հոգնած էինք։ Բարի գիշեր մաղթեցինք և ընթրիքից անմիջապես հետո գնացինք քնելու։
 
Բարձրացանք պատուհանը, շանթարգելով իջանք փողոց և գնացինք քաղաք, որովհետև հազիվ թե որևէ մեկը թագավորին և դքսին նախազգուշացրած լիներ։ Եթե ես չշտապեի և չզգուշացնեի, նրանց բանը բուրդ կլիներ։
 
Ճանապարհին Թոմն ինձ պատմեց, թե ինչպես մարդիկ հավատացած են եղել, որ ես սպանված եմ, և ինչպես հայրս այնուհետև անհետացել է ու այլևս չի վերադարձել։ Պատմեց, թե ինչպիսի հուզմունք է առաջացրել Ջիմի փախուստը։ Ես էլ, որքան ժամանակը թույլ կտար, Թոմին պատմեցի ամեն ինչ մեր «Արքայական ընձուղտի» խաբեբաների և լաստով կատարած մեր ճանապարհորդության մասին։ Երբ մտանք քաղաք և հասանք կենտրոնական մասը, արդեն բավական ուշ էր, մոտավորապես ութն անց կես էր։ Հանկարծ ի՜նչ տեսնենք․ գազազած ամբոխը, ձեռքերին ջահեր բռնած, սարսափելի կռնչոցով ու ոռնոցով, թիթեղե տապակներ ծեծելով ու փողեր փչելով, շարժվում է փողոցով։ Մենք մի կողմ ցատկեցինք, որպեսզի նրանք անցնեն։ Մինչ անցնում էին, ես տեսա, թե ինչպես թագավորին ու դքսին նստեցրել են ձողի վրա (կարծում էի, որ դրանք թագավորն ու դուքսը պիտի լինեին, թեև նրանք ամբողջովին պատած էին սև ձյութով ու փետուրներով և բոլորովին նման չէին մարդկային էակների)։ Նրանք նման էին հսկայական փետրափնջերի։ Ես զզվանք զգացի։ Կարեկցում էի այդ խեղճ, ողորմելի սրիկաներին։ Այլևս չէի կարող նրանց դեմ ոխ պահել։ Սարսափելի էր տեսնել, որ մարդկային արարածը կարող է այդ աստիճանի դաժան լինել իր նմանի նկատմամբ։
 
Տեսանք, որ բանը բանից անցել է և այլևս չենք կարող օգնել։ Հարցրինք մի քանի պարապ թափառողների, թե ինչ է կատարվում։ Նրանք ասացին, որ մարդիկ իբր, ոչինչ չիմանալով, գնացել են ներկայացման՝ լուռ նստած սպասել են մինչև խեղճ թագավորը բեմի վրա կուշտ ցատկոտել է։ Հետո մեկն ազդանշան է տվել, և հանդիսականները վրա են պրծել։
 
Մենք ձեռնունայն վերադարձանք տուն։ Սրտիս վրա ինչ֊որ բան էր ծանրացել։ Ինձ մի տեսակ մեղավոր էի զգում, թեև ոչ մի վատ բան չէի արել։ Միշտ էլ այդպես է․ կարևոր չէ՝ իրավացի՞ եք, թե ոչ։ Ձեր մարդկային խիղճը դա հաշվի չի առնում և հալածում է ձեզ։ Եթե ես մի շուն ունենայի, որը մարդկային խղճի չափ աներես լիներ, կթունավորեի։ Խիղճը մարդու ներսում ավելի մեծ տեղ է գրավում, քան որևէ այլ բան, բայց ի՞նչ օգուտ։ Նույն բանն է ասում և Թոմ Սոյերը։
 
 
==Գլուխ երեսունչորսերորդ==
 
 
Մենք դադարեցինք խոսելուց ու սկսեցինք մտածել։ Շուտով Թոմն ասաց․
 
― Լսիր, Հեք, որքա՜ն հիմար ենք, որ այդ մասին նախապես չենք մտածել։ Գրազ կգամ, որ ես գիտեմ, թե որտեղ է Ջիմը։
 
― Որտե՞ղ է։
 
― Այն հյուղակում, մոխրի արկղի մոտ։ Երբ մենք ճաշի էինք նստած, դու չտեսա՞ր, որ մի նեգր գնաց այնտեղ և ուտելիք տարավ։
 
― Այո։
 
― Ւ՞նչ ես կարծում, ինչի՞ համար էր այդ ուտելիքը։
 
― Շան համար։
 
― Ես էլ այդպես էի կարծում։ Բայց դա շան համար չէր։
 
― Ինչո՞ւ։
 
― Որովհետև ձմերուկ էլ կար։
 
― Ճիշտ է․ ես էլ նկատեցի։ Զարմանալի է․ գլխի չընկա, որ շունը ձմերուկ չի ուտի։ Դա ցույց է տալիս, որ երբեմն մարդ կարող է նայել, բայց չտեսնել։
 
― Նեգրը ներս մտնելիս կողպեքը բացեց, իսկ դուրս գալիս նորից փակեց։ Երբ մենք սեղանի մոտից վեր կացանք, նա հորեղբորը մի բանալի հանձնեց, նույն բանալին, գրազ կգամ։ Ձմերուկը ցույց է տալիս, որ այնտեղ մարդ կա, կողպեքն էլ ցույց է տալիս, որ նա բանտարկյալ է։ Հավանական չէ, որ երկու բանտարկյալ լինեն այսպիսի փոքրիկ մի պլանտացիայում, որտեղ մարդիկ այնքա՜ն բարի ու լավն են։ Բանտարկյալը Ջիմն է։ Ինչ որ է, ես շատ ուրախ եմ, որ մենք դա իմացանք նման եղանակով։ Ուրիշ ոչ մի միջոց չէր օգնի։ Այժմ դու ուղեղդ լարիր և Ջիմին գողանալու մի հնար գտիր, մի հնար էլ ես կգտնեմ։ Կընդունենք այն, որը ավելի հարմար է։
 
Ւնչպիսի՜ գլուխ այդքան փոքր մի տղայի ուսերի վրա։ Եթե Թոմ Սոյերի գլուխն իմը լիներ, ես այն չէի փոխի ո՛չ դքսի աստիճանի, ո՛չ էլ շոգենավի նավապետի օգնականի, ո՛չ կրկեսի ծաղրածուի, ո՛չ էլ իմ իմացած որևէ այլ պաշտոնի հետ։ Ես սկսեցի մտածել, բայց հենց այնպես, պարապ չմնալու համար։ Շատ լավ գիտեի, թե որտեղից է գալու հարցի ճիշտ լուծումը։ Շուտով Թոմն ասաց․
 
― Պատրա՞ստ ես։
 
― Սյո, ― պատասխանեցի ես։
 
― Շատ լավ, ասա տեսնեմ։
 
― Իմ ծրագիրն այս է, ― ասացի ես, ― մենք կարող ենք հեշտությամբ իմանալ, թե բանտարկյալը Ջի՞մն է։ Այնուհետև վաղը գիշերով կնստենք մակույկս և կգնանք, լաստը դուրս կբերենք այս կողմը։ Ապա առաջին մութ գիշերին բանալին կգողանանք ծերունու շալվարի գրպանից, երբ նա քնած լինի, և Ջիմի հետ լաստով կիջնենք գետն ի վար։ Ցերեկը կթաքնվենք, գիշերը կշարունակենք ճանապարհը, ինչպես ես ու Ջիմն էինք անում։ Այդ ծրագիրը հարմա՞ր է։
 
― Հարմա՞ր։ Ինչո՞ւ չէ, հարմար է, ոնց որ առնետների կռիվը։ Բայց դա շատ հասարակ միջոց է, մեջը ոչինչ չկա։ Ի՞նչ արժե այն ծրագիրը, որը ոչ մի նեղություն չի պահանջում։ Ծծկեր երեխան էլ դա կկատարի։ Դա ավելի շատ աղմուկ չի առաջացնի, քան օճառի գործարան կողոպտելը։
 
Ես ոչինչ չասացի, որովհետև ուրիշ բան չէի սպասում։ Բայց շատ լավ գիտեի, որ նրա կազմած ծրագրի դեմ առարկել ավելորդ է։
 
Եվ, իսկապես, առարկելու բան չկար։ Նա բացատրեց իր ծրագիրը։ Վայրկենապես հասկացա, որ դա իմ կազմածից տասնհինգ անգամ լավ էր իր նորաձևությամբ և Ջիմին կազատեր, ինչպես իմ ծրագիրը, բայց այստեղ գուցե բոլորիս էլ սպանեին։ Ես գոհ էի և ասացի, որ պետք է գործի անցնեք։ Կարիք չկա այստեղ ասելու, թե ինչ էր նրա ծրագիրը։ Գիտեի, որ դա չէր մնալու այնպես, ինչպես կար։ Գիտեի, որ Թոմը դա անընդհատ կփոխեր, երբ գործի անցնեինք, և ամեն հարմար առիթով կընդարձակեր նոր խիզախություններով։ Այդպես էլ արեց։
 
Ինչ որ է, մի բան պարզ էր․ Թոմ Սոյերը լրջորեն էր կպել գործին և, իրոք, ուզում էր օգնել, որ գողանանք այդ նեգրին և ազատենք ստկությունից։
 
Դա ինձ համար անհասկանալի էր։ Ահա մի տղա, պատվավոր ընտանիքում մեծացած, որը վտանգի տակ էր դնում իր և իր հարազատների բարի անունը։ Ընդունակ էր, բանիմաց, տգետ չէր․ վատ թե լավ՝ սովորում էր, բարի էր, ուրեմն՝ հո դիտմամբ չէ՞ր անում։ Բայց ահա, խնդրեմ, մոռացության է տվել թե՛ հպարտություն, թե՛ ինքնասիրություն, մութ գործերի է խառնվում, նվաստանում և Ամերիկայով մեկ խայտառակում իրեն ու իր ընտանիքը։ Ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ նրա վարմունքը։ Դա նախատելի գործ էր, և ես զգում էի, որ պարտավոր էի ուղղել այդ սխալը, զգուշացնել։ Թե չէ էլ ի՞նչ հավատարիմ բարեկամ։ Թող անմիջապես հրաժարվեր այդ մտքից, քանի դեռ ուշ չէր և փրկեր իրեն։ Եվ ես այդ մասին խոսք բացեցի, բայց նա ինձ ընդհատեց ասելով․
 
― Կարծում ես, չե՞մ հասկանում, թե ինչ եմ անում։ Մի՞թե ընդհանրապես չեմ գիտակցում արածս։
 
― Գիտակցում ես։
 
― Չասացի՞, թե կօգնեմ, որ գողանաս նեգրին։
 
― Ասացիր։
 
― Ուրեմն՝ լավ։
 
Ուրիշ ոչինչ։ Ես էլ ոչինչ չասացի։ Իմաստ չուներ․ երբ նա ասում էր, որ մի բան է անելու, անպայման անում էր։ Բայց ես չէի կարող հասկանալ, թե ինչպես էր համաձայնում խառնվել նման մի գործի։ Այլևս նրան չնեղացրի այդ առթիվ։ Եթե ինքն էր ուզում այդպես վարվել, ես ոչինչ չէի կարող անել։
 
Երբ հասանք տուն, ոչ մի լույս չէր երևում և ամեն ինչ խաղաղ էր։ Գնացինք դեպի մոխրակույտը՝ հյուղակը հետախուզելու։ Գնացինք բակով, որպեսզի տեսնենք, թե ի՛նչ կանեն շները։ Նրանք արդեն ճանաչում էին մեզ և ավելի մեծ աղմուկ չբարձրացրին, քան սովորաբար բարձրացնում են գյուղական շները, երբ գիշերը մոտերքով մարդ է անցնում։ Երբ հասանք հյուղակը, զննեցինք դիմացից և երկու կողմից։ Հյուսիսային կողմում, որը ես չէի տեսել, գտանք քառակուսի պատուհան՝ բավական բարձր, հաստ տախտակով մեխված։ Ես ասացի․
 
― Ահա ելքի ճանապարհը։ Այս անցքը այնքան մեծ է, որ Ջիմը կարող է դրանից դուրս գալ, եթե տախտակը հեռացնենք։
 
Թոմն ասաց․
 
― Դա նույնքան հեշտ միջոց է, որքան մանկական խաղը, դպրոցից փախչելը։ Հուսով եմ, որ մենք կգտնենք դրանից ավելի բարդ միջոց, Հեք Ֆինն։
 
Լավ, ― ասացի ես, ― իսկ եթե պատի մի անկյունը սղոցելով դուրս գա, ինչպես ես արեցի, երբ սպանված հայտարարվեցի․․․
 
― Դա որոշ չափով բանի նման է, ― ասաց նա, ― իսկապես խորհրդավոր է, տանջալի ու լավ, ― ասաց նա, ― բայց կարող ենք մի միջոց գտնել, որը կրկնակի երկարատև լինի։ Շտապելու կարիք չկա, դեռ նայենք մեր շուրջը։
 
Հյուղակի և ցանկապատի միջև, դրանց հետևում, կար հաստ տախտակներից պատրաստած մի շինություն, որի քիվերը հասնում էին հյուղակին։ Դա նույնքան երկար էր, որքան հյուղակը, բայց նեղ էր, ընդամենը վեց ոտնաչափ լայնություն ուներ։ Թոմը մոտեցավ օճառ եփելու կաթսային, նայեց շուրջը և գտավ երկաթի մի կտոր, որով բարձրացնում էին կաթսայի կափարիչը։ Նա այդ երկաթն օգտագործեց որպես լծակ և տեղահան արեց դռան սողնակալներից մեկը։ Շղթան ցած ընկավ, դուռը բացեցինք ներս մտանք, փակեցինք և լուցկի վառեցինք։ Շուտով նկատեցինք, որ այդ մարագը միանում է հյուղակին, բայց սրա հետ կապ չունի, հատակը հող է, և ոչինչ չկա այնտեղ, բացի գործածությունից ընկած, ժանգոտած քլունգներից ու բահերից և ծռմռված գութաններից։ Լուցկին հանգավ, և մենք էլ դուրս եկանք, նորից կարգի բերեցինք դուռը այնպես, որ թվում էր, թե առաջվա պես ամուր փակված է։ Թոմի տրամադրությունը բարձր էր։ Նա ասաց․
 
― Հիմա ամեն ինչ լավ է։ Մենք փորելով դուրս կբերենք նրան։ Դա կտևի մոտավորապես մեկ շաբաթ։
 
Այնուհետև եկանք տուն։ Ես ներս մտա ետևի դռնով (այստեղ դռները չեն կողպում․ բավական է միայն քաշել այծի կաշվից պատրաստած նիգաթելը)։ Բայց այդ ձևով ներս մտնելը Թոմ Սոյերի համար բավականաչափ խորհրդավոր չէր։ Ոչ մի միջոց չէր բավարարի նրան, բացի շանթարգելով վեր մագլցելուց։ Երեք անգամ բարձրացավ մինչև կեսը և սահեց ցած։ Վերջին անգամ քիչ մնաց գանգը ցրիվ տար։ Ուզեց ձեռ քաշել, բայց մի քիչ հանգստանալուց հետո նորից բախտը փորձեց և այս անգամ բարձրացավ։
 
Լուսաբացին մենք վեր կացանք ու իջանք նեգրերի տնակները։ Ուզում էինք, որ շները մեզ ընտելանան, և բարեկամանանք Ջիմին ուտելիք տանող նեգրի հետ (եթե իսկապես կերակրվողը Ջիմն էր)։ Նեգրերն արդեն վերջացրել էին նախաճաշը և պատրաստվում էին գնալ դաշտ։ Ջիմի նեգրը թիթեղյա մի տապակի մեջ դարսում էր հաց, միս և այլ ուտելիքներ։ Մինչ մյուսները գնում էին գործի, բանալին տնից բերեցին։
 
Այս նեգրը բարհամբույր, հիմարավուն դեմքով մարդ էր։ Մազերի փոքրիկ փնջերը կապված էին թելով։ Դրա նպատակն էր՝ կախարդներին հեռու պահել։ Նա ասում էր, որ կախարդները վերջին գիշերները սարսափելի նեղում են իրեն, ստիպում տեսնել ամեն տեսակի տարօրինակ բաներ, լսել ամեն տեսակի տարօրինակ խոսքեր և աղմուկ։ Պնդում էր, որ ինքը դեռևս այդքան երկարատև կախարդանք չի տեսել։ Նա այնպես տարվեց այդ մասին խոսելով ու իր ձախորդություններից պատմելով, որ բոլորովին մոռացավ, թե ինչի համար էր եկել։ Թոմն ասաց․
 
― Ինչի՞ համար են այդ ուտելիքները։ Շների՞ն ես տանում։
 
Նեգրը ժպտաց, և այդ ժպիտը տարածվեց ամբողջ դեմքի վրա։ Կարծես ջրի մեջ աղյուսի կտոր գցեցինք։
 
― Այո, միստր Սիդ, մի շան համար է, հետաքրքիր մի շան համար։ Ուզո՞ւմ եք ներս գալ, տեսնել նրան։
 
― Այո։
 
Ես կսմթեցի Թոմին ու շշնջացի․
 
― Օրը ցերեկով մտնում ես այնտեղ։ Չէ՞ որ ծրագրում այդ չկար։
 
― Ոչ, ծրագրում չկար, բայց հիմա ծրագիրն այդ է։
 
Էհ, ինչ արած, գնացինք, բայց դա ինձ շատ դուր չեկավ։ Ներս մտանք։ Այնպես մութ էր, որ համարյա ոչինչ չէր երևում։ Բայց Ջիմը, իհարկե, այնտեղ էր և կարող էր մեզ տեսնել։ Եվ նա գոչեց․
 
― Հե՜քը, բարի՜ աստված։ Սա էլ միստր Թոմն է։
 
Ես գիտեի, թե ինչ է լինելու։ Հենց այդ էլ սպասում էի։ Անելիքս մոռացա և եթե չմոռանայի էլ, ոչինչ չէի կարող անել, քանի որ այդ նեգրը մեջ ընկավ․
 
― Աստվա՜ծ իմ, մի՞թե նա ձեզ ճանաչում է։
 
Ուշադիր նայեցինք և ամեն ինչ պարզ տեսանք։ Թոմն աչքերը հառեց նեգրին և իբր զարմացած հարցրեց․
 
― Ո՞վ է մեզ ճանաչում։
 
― Ա՛յ, այս փախած նեգրը։
 
― Չեմ կարծում, թե նա մեզ ճանաչում է։ Այդ ի՞նչ փչեց խելքիդ։
 
― Ինչ փչե՞ց։ Հենց այս րոպեին գոչեց, թե ձեզ ճանաչում է։
 
Թոմը իբր թե ապշեց․
 
― Շատ հետաքրքիր է։ Ո՞վ գոչեց, ― ապա բոլորովին հանգիստ դիմեց ինձ, ― դու լսեցի՞ր, մեկնումեկը բան ասա՞ց։
 
Ես, իհարկե, միայն մի պատասխան պետք է տայի․
 
― Ոչ, ես ոչինչ չեմ լսել։
 
Ապա նա դարձավ Ջիմին, նայեց վերից վար, կարծես առաջին անգամ էր տեսնում․
 
― Դու մեզ ձայն տվեցի՞ր։
 
― Ոչ, սըր, ― պատասխանեց Ջիմը, ― ես ոչինչ չեմ ասել, սըր։
 
― Ոչ մի բա՞ռ։
 
― Ոչ, սըր, ոչ մի բառ չեմ ասել։
 
― Դու առաջ երբևէ մեզ տեսե՞լ ես։
 
― Ոչ, սըր, որքան գիտեմ, չեմ տեսել։
 
Թոմը շրջվեց մեզ հետ եկած ներգի կողմը։ Սա շվարեց, չռեց աչքերը։
 
― Ի՞նչ պատահեց քեզ։ Ի՞նչն ստիպեց քեզ մտածել, որ մեկը մեզ ձայն տվեց։
 
― Ա՜խ, նորից այդ անիծված կախարդները, սըր։ Մեռնեի, պրծնեի։ Շարունակ, դրանք, սըր․․․ Ինձ կսպանեն։ Այնպես են վախեցնում, որ քիչ է մնում մեռնեմ։ Խնդրում եմ, սըր, ոչինչ չասեք, թե չէ ծերունի միստր Սայլասը ինձ շատ կհանդիմանի։ Նա ասում է, թե դրանք կախարդներ չեն։ Աստված տար՝ նա հիմա այստեղ լիներ։ Այն ժամանակ կտեսնեիք, թե ինչ կասեր։ Այս անգամ ոչ մի կերպ չէի ժխտի։ Միշտ այդպես է․ չոր֊գլուխ մարդիկ չոր֊գլուխ էլ կմնան։ Դրանք ոչ մի բանի մեջ չեն խորանում, որ իմանան ճշմարտությունը, իսկ երբ դուք տեսնեք ու ասեք, չեն հավատա։
 
Թոմը նրան տասը ցենտ տվեց և հավատացրեց, որ մենք ոչ ոքի ոչինչ չենք ասի։ Պատվիրեց, որ էլի թել գնի ու մազերը կապի։ Ապա նայեց Ջիմին․
 
― Արդյոք քեռի Սայլասը չի՞ կախի այս նեգրին։ Եթե ես բռնեի փախուստի դիմած ապերախտ մի ներգի, չէի ների, կկախեի։
 
Մինչ մեզ ուղեկցող նեգրը դուրս եկավ՝ դռան առջև տասը ցենտանոցը զննելու և կծելու, որպեսզի իմանար իսկական է, թե կեղծ, Թոմը շշնջաց Ջիմի ականջին․
 
― Երբեք ցույց չտաս, թե ճանաչում ես մեզ։ Եթե գիշերը գետինը փորելու ձայն լսես, իմացիր, որ մենք ենք․ ուզում ենք քեզ ազատել։
 
Ջիմը հազիվ ժամանակ ունեցավ բռնելու մեր ձեռքերն ու սեղմելու։ Վերադարձավ մյուս նեգրը, և մենք ասացինք, որ եթե ցանկանում է, մի ուրիշ անգամ էլ կգանք։ Նեգրն ասաց, որ դեմ չի լինի, հատկապես երբ մութ է, որովհետև կախարդները մեծ մասամբ վրա են տալիս մութ ժամանակ։ Լավ կլինի, եթե իր հետ մարդիկ լինեն։
 
 
==Գլուխ երեսունհինգերորդ==
 
 
Մինչև նախաճաշը դեռ մի ժամ կար։ Դուրս եկանք անտառ։ Թոմն ասաց, որ մենք պետք է լուսավորող մի բան ունենանք, թե չէ չենք տեսնի, թե ինչպես ենք փորում։ Լապտերի լույսը պայծառ է․ կարող է մեզ մատնել։ Մեզ պետք էին փայտի փտած հաստ կտորներ, որ կոչվում էին աղվեսի կրակ և մութ տեղում աղոտ լույս են արձակում։ Մենք այդ փայտերից մի գիրկ բերինք, թաքցրինք եղեգների մեջ և նստեցինք հանգստանալու։ Թոմը մի տեսակ դժգոհ ասաց․
 
― Գրո՜ղը տանի։ Ամեն ինչ շատ հեշտ ու հանգիստ է ընթանում, և մարդ դժվարանում է մի կարգին ծրագիր կազմել։ Չկա պահակ, որ դեղերով քնեցնենք։ Իսկ պահակ պետք է լիներ։ Նույնիսկ շուն չկա, որ քնաբեր դեղ տանք։ Ջիմի միայն մեկ ոտքն է տասը ոտնաչափ շղթայով կապված մահճակալի ոտքից։ Մնում է միայն բարձրացնել մահճակաը, և շղթան սահելով ցած կընկնի։ Հորեղբայր Սայլասը բոլորին հավատում է, բանալին տալիս է այդ բթամիտ նեգրին և ոչ ոքի չի ուղարկում նրան հսկելու։ Ջիմը մինչև այժմ կարող էր պատուհանի ծակից փախչել, բայց անիմաստ կլիներ, եթե տասը ոտնաչափ երկարությամբ շղթան սրունքին՝ դուրս գար ճանապարհ։ Ուղղակի ձանձրալի է, Հեք։ Ես ավելի տխմար բան չեմ տեսել։ Ինքդ պետք է հնարես բոլոր դժվարությունները։ Ինչ որ է, ոչինչ անել չենք կարող։ Պետք է լավագույն ձևով օգտագործենք մեր ձեռքի տակ եղածը։ Այնուամենայնիվ, կա մի բան։ Ավելի պատվաբեր է նրան փրկել մի շարք դժվարություններից ու վտանգներից, երբ ոչ ոք մեզ համար չի ստեղծել այդ վտանգավոր պայմանները, և մենք ինքներս պետք է դրանք հնարենք, չնայած պարտավոր չենք։ Այ, թեկուզ լապտերը։ Եթե անկեղծ խոսենք, պետք է ձևացնենք, թե իբր լապտերը վտանգավոր է։ Բայց կարծում եմ՝ մենք կարող ենք ջահի լույսով մի ամբողջ հուղարկավորություն կատարել, եթե ուզենանք։ Ա՛յ, հանկարծ ինչ անցավ մտքովս․ առաջին հերթին պետք է այնպիսի մի բան փնտրենք, որից սղոց պատրաստենք։
 
― Իսկ մեր ինչի՞ն է պետք սղոցը։
 
― Սղո՞ցը։ Մի՞թե չպետք է սղոցենք Ջիմի մահճակալի ոտքը, որպեսզի շղթան թուլանա, դուրս գա։
 
― Ինչո՞ւ, հենց նոր ասացիր, թե կարելի է մահճակալի ոտքը բարձրացնել, և շղթան կսահի, դուրս կգա։
 
― Ասածդ շատ նման է քեզ, Հեք Ֆինն։ Դու միշտ կարող ես մանկապարտեզային ձևեր ընտրել։ Մի՞թե ոչ մի գիրք չես կարդացել, չե՞ս կարդացել բարոն Թրենքի մասին, կամ Կազանովայի, Բենվենուտո Չելինիի կամ Հենրի Չորրորդի մասին։ Այս հերոսների վերաբերյալ ոչինչ չգիտես։ Ո՞վ է լսել, որ բանտարկյալին ազատեն ինչ֊որ տնական հնացած ձևերով։ Ո՛չ, ամենահեղինակավոր մարդիկ փայտե մահճակալի ոտքը սղոցում, երկու մասի են բաժանում, կպցնում ու այդպես էլ թողնում են։ Թեփը կուլ են տալիս, որպեսզի հետք չմնա, սղոցած տեղին մի քիչ փոշի կամ ճարպ են քսում, որպեսզի ամենասրատես բանտապետն էլ սղոցելու ոչ մի հետք չնկատի և կարծի, թե մահճակալի ոտքն անվնաս է։ Այն գիշերը, երբ պատրաստ ես փախչելու, մի հարված կտաս ոտքին, դա մի կողմ կթռչի, շղթան ցած կընկնի, և վերջ։ Այնուհետև միայն մնում է, որ պարանե սանդուղքի ծայրը նետես ատամնավոր պատի ցցվածքին, սողաս ներքև, ոտքդ ջարդես, քանի որ պարանը տասնինը ոտնաչափ կարճ է։ Այնտեղ սպասում են ձիերդ ու հավատարիմ ծառաներդ։ Նրանք քեզ կբարձրացնեն թամբի վրա և կթռցնեն քո հայրենի Լանգեդոքը կամ Նավարրան, կամ ուր ուզում ես։ Հիանալի է, չէ՞, Հեք։ Որքա՜ն կուզենայի, որ այս հյուղակի մոտ խրամ լիներ։ Եթե փախուստի գիշերը ժամանակ ունենանք, խրամ էլ կփորենք։
 
Ես ասացի․
 
― Ինչների՞ս է պետք խրամը, երբ մենք Ջիմին դուրս ենք բերելու ստորերկրյա ճանապարհով։
 
Նա ինձ չէր լսում․ մոռացել էր և՛ ինձ, և՛ ամեն ինչ։ Նա, ծնոտը ձեռքերի մեջ առած, մտածում էր։ Շուտով հառաչեց ու շարժեց գլուխը։ Ապա նորից հառաչեց։
 
― Ոչ, դա հարմար չէ․ ոչ մի անհրաժեշտություն չկա։
 
― Ի՞նչ, ― հարցրի ես։
 
― Պետք է Ջիմի սրունքը սղոցել, ― ասաց նա։
 
― Տե՜ր աստված, ― ասացի ես, ― իհարկե, ի՞նչ կարիք կա։ Իսկ ինչո՞ւ էիր ուզում Ջիմի սրունքը սղոցել։
 
― Է՛հ, հեղինակավոր մարդկանցից մի քանիսն այդպիսի բան արել են։ Սրունքն ավելի լավ է։ Բայց մենք պետք է հրաժարվենք դրանից։ Այս դեպքում կարիք չկա։ Բացի այդ, Ջիմը նեգր է և չի կարող հասկանալ դրա պատճառները։ Դա ընդունված է Եվրոպայում, ուստի մենք պետք է հրաժարվենք։ Բայց կա մի բան․ նրա համար հնարավոր է պարանե սանդուղքը։ Կարող ենք պատռել մեր սավանները և նրա համար սանդուղք պատրաստել։ Դա դժվար չէ․ պարանը կարող ենք կարկանդակի մեջ դնել և ուղարկել նրան։ Մեծ մասամբ այդպես են անում։ Ես դրանից ավելի վատ կարկանդակ եմ կերել։
 
― Ինչե՜ր ես ասում, Թոմ Սոյեր, ― ասացի ես, ― Ջիմը պարանե սանդուղքի կարիք չունի։
 
― Ոչ, ունի։ Ավելի լավ է ասես, որ դու այդ մասին ոչինչ չգիտես։ Նրան պետք է պարանե սանդուղք։ Բոլորն էլ ունենում են։
 
― Իսկ դրանով ի՞նչ է անելու։
 
― Ինչ է անելո՞ւ։ Կարող է թաքցնել անկողնու մեջ, չի՞ կարող։ Բոլորն էլ այդպես են անում․ նա էլ պարտավոր է անել, Հեք։ Ինչպես տեսնում եմ, դու ոչ մի բան չես ուզում օրենքով անել, ուզում ես միշտ մի նոր բան սկսել։ Ասենք թե դա նրան պետք չէ, բայց չէ՞ որ դա կմնա նրա անկողնու մեջ որպես կծիկի ծայր, երբ նա արդեն փախած կլինի։ Չե՞ս ընդունում, որ մարդկանց պետք են փաստեր։ Իհարկե, պետք են։ Մի՞թե չես ուզում որևէ հետք թողնել։ Ինչի՞ նման կլինի։ Ես այդպիսի բան չեմ լսել։
 
― Լավ, ― ասացի, ― եթե կարգն այդ է, և նա պարտավոր է սանդուղք ունենալ, թող ունենա․ ես օրենքին հակառակ գնալ չեմ ուզում։ Բայց մի բան էլ կա, Թոմ Սոյեր։ Եթե պատառոտենք մեր սավանները և Ջիմի համար պարանե սանդուղք պատրաստենք, ապա մորաքույր Սալլին կաղմկի, և մենք անախորժությունների մեջ կընկնենք։ Դա պարզ է։ Իմ կարծիքով, ընկուզենու կեղևից պատրաստած սանդուղքն ավելի էժան կնստի, նույնքան հարմար է կարկանդակի մեջ մտցնել և ներքնակի մեջ պահել, որքան շորից պատրաստածը։ Ինչ վերաբերում է Ջիմին, նա փորձ չունի, նրա համար միևնույն է, թե ինչպիսին է․․․
 
― Ա՜խ, Հեք Ֆինն, եթե ես քեզ նման անտեղյակ լինեի գործին, ձայնս կկտրեի։ Ո՞վ է լսել, որ պետական բանտարկյալը ընկույզի կեղևից պատրաստած սանդուքով փախչի։ Ուղղակի ծիծաղելի է։
 
― Լավ, Թոմ, արա, ինչ գիտես, բայց եթե ինձ լսես, դրսում պարանից կախված սավաններից մեկը կվերցնենք։
 
Նա ասաց, որ դա վատ միտք չէ։ Մի նոր միտք էլ ծագեց նրա գլխում․
 
― Մի շապիկ էլ վերցրու։
 
― Ինչների՞ս է պետք շապիկը, Թոմ։
 
― Ջիմի համար, որպես օրագիր։
 
― Օրագիրը պահիր քո տատիկի համար․ Ջիմը գրել չգիտե։
 
― Թեկուզև գրել չգիտե, բայց կարող է նշաններ անել վրան։ Չի՞ կարող, եթե մենք մնացած անագի մի կտորից կամ տակառի մետաղե հին օղակից մի գրիչ պատրաստենք։
 
― Ինչո՞ւ, Թոմ, մենք կարող ենք սագի վրայից մի փետուր քաշել և ավելի լավը պատրաստել, ավելի շուտ։
 
― Բայց սագերը բանտի շուրջը չեն վազվզում, որպեսզի բանտարկյալները կարողանան փետուր քաշել, հիմա՛ր։ Նրանք իրենց գրիչները միշտ պատրաստում են ամենակարծր, ամենակոշտ արույրե մոմակալներից կամ ձեռքներն ընկած նման բաներից։ Անհրաժեշտ են շաբաթներ ու ամիսներ խարտոցելու, որովհետև դրանք պետք է խարտոցեն պատին քսելով։ Նրանք սագի փետուր չեն օգտագործում, նույնիսկ եթե ունենան էլ։ Դա ընդունված չէ։
 
― Լավ, իսկ թանա՞քը ինչից ենք պատրաստելու։
 
― Շատերը թանաք պատրաստում են երկաթի ժանգից ու արցունքներից, բայց դա շատ հասարակ ու կանացի միջոց է։ Օրինավոր բանտարկյալները իրենց արյունն են օգտագործում այդ նպատակի համար։ Ջիմը կարող է դա անել։ Երբ ցանկանա որևէ փոքրիկ, սովորական, խորհրդավոր պատգամ ուղարկել, որպեսզի աշխարհն իմանա, թե որտեղ է կալանված, կարող է պատառաքաղով գրել թիթեղյա ափսեի հատակին և պատուհանից դուրս նետել։ Երկաթե Դիմակը<ref>Երկաթե Դիմակ ― 17֊րդ դարում Փարիզի Բաստիլիա կոչվող բանտում կար մի կալանավոր, որի դեմքը շարունակ ծածկված էր երկաթե դիմակով։</ref> միշտ այդպես է վարվել, և դա շատ լավ միջոց է։
 
― Ջիմը թիթեղյա ափսե չունի։ Նրա ճաշը տապակով են տանում։
 
― Ոչինչ, կարող ենք ճարել։
 
Ոչ ոք չի կարողանա կարդալ նրա գրածը։
 
― Դա ոչ մի նշանակություն չունի, Հեք Ֆինն։ Նրա գործը միայն ափսեի վրա գրելն ու դուրս նետելն է։ Ոչ ոք քեզ չի ստիպի կարդալ։ Դու ափսեի կամ որևէ այլ բանի վրա բանտարկյալի գրածի կեսն էլ չես կարող կարդալ։
 
― Լավ, էլ ի՞նչ միտք ունի ափսեները փչացնել։
 
― Է՛հ, ինչե՜ր ես ասում, չէ՞ որ դրանք կալանավորի ափսեներ չեն։
 
― Բայց որևէ մեկին պատկանում են, այնպես չէ՞։
 
― Լավ, ասենք թե պատկանում են։ Բանտարկյալի ի՞նչ պետքն է։
 
Այստեղ նա վերջացրեց խոսքը, որովհետև մենք լսեցինք նախաճաշ ազդարարող եղջերափողի ձայնը և գնացինք տուն։
 
Այդ առավոտյան ես մի սավան ու մի շապիկ թռցրի լվացքի պարանի վրայից, մի հին տոպրակ գտա, դրանք դրեցի մեջը, իջա ներքև, հավաքեցի փտած փայտը և նույնպես դրեցի տոպրակի մեջ։ Ես դա համարեցի «փոխ վերցրած», որովհետև հայրս ամեն մի թռցրած բանին այդ անունն էր տալիս, բայց Թոմն ասում էր, թե դա փոխ վերցնել չէ, այլ գողություն է։ Նա ասաց, որ դա բանտարկյալների համար է, իսկ բանտարկյալների հոգը չէ, թե ինչ միջոցներով են դա ձեռք բերում, միայն թե ձեռք բերեն, և ոչ ոք դրա համար նրանց չի մեղադրում։ Ասաց, որ բանտարկյալի համար հանցանք չէ իր փախուստի համար անհրաժեշտ բաներ գողանալը․ դա նրա իրավունքն է։ Ուրեմն՝ մենք մեր բանտարկյալի համար լիակատար իրավունք ունենք գողանալ այն ամենը, ինչ նվազագույն չափով կօգնի մեզ, որ Ջիմին բանտից դուրս բերենք։ Նա ասաց, որ եթե մենք բանտարկյալներ չլինեինք, բոլորովին այլ բան կլիներ։ Ոչ ոք, բացի ստոր, կեղտոտ մարդուց, ոչինչ չի գողանա, եթե բանտարկյալ չէ։ Ուստի մենք մեզ թույլ տվեցինք գողություն անել։ Սակայն դրանից հետո, մի անգամ նա մեծ աղմուկ բարձրացրեց, երբ ես նեգրի հողամասից մի ձմերուկ գողացա և կերա։ Նա ինձ ստիպեց գնալ և նեգրին տալ տասը ցենտ, առանց ասելու, թե ինչու։ Թոմի կարծիքով, մենք կարող էինք գողանալ միայն այն, ինչ իսկապես մեզ անհրաժեշտ է։ «Լավ, ― ասացի ես, ― ձմերուկն ինձ անհրաժեշտ է»։ Բայց նա ասաց, որ բանտից դուրս գալու համար դա անհրաժեշտ չէ։ Ահա թե ինչ։ Նա ասաց, որ եթե ես ձմերուկն ուզում էի, որպեսզի մեջը դանակ թաքցնեմ և գաղտնի այն հասցնեմ Ջիմին, և նա դրանով բանտապահին սպանի, դա ուրիշ բան կլինի։ Ես այլևս չառարկեցի, թեև մի բան չէի կարողանում հասկանալ․ բանտարկյալին ի՞նչ օգուտ, եթե ամեն անգամ ձմերուկ գողանալիս ես նստեմ ու մտածեմ նման բազմաթիվ նրբությունների մասին։
 
Ինչպես ասացի, այդ առավոտ մենք սպասեցինք, մինչև բոլորը գնացին իրենց գործին։ Բակում ոչ ոք չէր երևում։ Այնուհետև Թոմը տոպրակը տարավ հյուղակին կից մարագը, իսկ ես որոշ ժամանակ քիչ հեռուն կանգնած՝ հսկում էի։ Շուտով նա դուրս եկավ, և մենք գնացինք, նստեցինք գերանների վրա՝ խոսելու։ Նա ասաց․
 
― Ամեն ինչ այժմ պատրաստ է, բացի գործիքներից, իսկ դրանք ճարելը դժվար չէ։
 
― Գործիքնե՞ր, ― ասացի ես։
 
― Այո։
 
― Ինչի՞ համար են գործիքները։
 
― Ինչի համա՞ր․ փորելու։ Մենք ատամներո՞վ ենք նրա ճանապարհը բացելու։
 
― Մի՞թե հին, ջարդված քլունգներ և այլ գործիքներ չկան, որոնք պիտանի լինեն մի նեգրի ճանապարհը բացելու համար, ― ասացի ես։
 
Նա դարձավ դեպի ինձ, այնպիսի մի ցավակցական հայացք գցելով վրաս, որ քիչ էր մնում՝ լաց լինեի։
 
― Հե՛ք Ֆինն, դու երբևէ լսե՞լ ես, որ բանտարկյալը քլունգ, բահ, ժամանակակից ուրիշ հարմարանքներ ունենա հող փորելու և դուրս գալու համար։ Ուզում եմ հարցնել, եթե խելքդ մի բան կտրում է․ էլ ինչպե՞ս նա կարող է փառք վաստակել։ Գուցե ավելի լավ կլիներ, եթե նրան բանալի տային և դրանով հաշիվը փակվեր։ Քլո՜ւնգ, բա՜հ։ Նման բաներ թագավորներին էլ չեն տալիս։
 
― Լավ, եթե բահ ու քլունգ չենք ուզում, էլ ի՞նչ է մեր ուզածը։
 
― Երկու փոքրիկ դանակ։
 
― Որոնցով հյուղակի հիմքը փորի ու դո՞ւրս գա։
 
― Այո։
 
― Գժվե՞լ ես, ի՞նչ է, Թոմ․ հիմար բան ես ասում։
 
― Կարևոր չէ՝ հիմար բան է, թե ոչ, բայց կարգն այդ է։ Որքան լսել եմ, ուրիշ ճանապարհ չկա, և ես կարդացել եմ այն բոլոր գրքերը, որոնք շատ թե քիչ տեղեկություններ են տալիս այս բաների մասին։ Միշտ դանակով են փորում և այն էլ ոչ փափուկ հող։ Սովորաբար ժայռեր են փորում։ Շաբաթներ են անցնում, բայց նրանք փորում են, փորում։ Դրա օրինակն է Մարսելի Դիֆ ամրոցի զնդանի հատակին ընկած բանտարկյալներից մեկը, որը փորելով է բացել իր ճանապարհը։ Ի՞նչ ես կարծում, որքան ժամանակ է փորել։
 
― Չգիտեմ։
 
― Գուշակիր։
 
― Չգիտեմ․․․ մի ամիս, մի ամիս ու կես։
 
― Երեսունյոթ տարի, և նա դուրս է եկել Չինաստանում։ Ա՛յ, իսկականն այդ է։ Լավ կլիներ, որ մեր այս բանտի հատակն էլ պինդ ժայռ լիներ։
 
― Բայց Ջիմը Չինաստանում ոչ ոքի չի ճանաչում։
 
― Դա ի՞նչ կապ ունի դրա հետ։ Այդ մարդն էլ ոչ ոքի չէր ճանաչում։ Դու միշտ գործից շեղվում ես։ Ինչո՞ւ չես կարող հիմնական հարցին կպչել։
 
― Լավ, ինձ համար նշանակություն չունի, թե նա որտեղ դուրս կգա, ոչ էլ, կարծում եմ, Ջիմի համար նշանակություն ունի։ Սակայն այսպես թե այնպես, կա մի բան․ Ջիմը ծեր է և փոքրիկ դանակով փորելով դուրս չի գա․ այդքան երկար չի ապրի։
 
― Ո՛չ, կապրի։ Մի՞թե դու կարծում ես, թե այստեղ երեսունյոթ տարի է պետք, երբ այս հյուղակի հիմքը հող է։
 
― Որքա՞ն կտևի, Թոմ։
 
― Դեհ, մենք չենք կարող այնքան երկար գործել, որքան պարտավոր ենք, որովհետև հորեղբայր Սայլասը շուտով կարող է Օռլենաից Ջիմի մասին ծանուցագիր ստանալ։ Կիմանա, որ Ջիմն այնտեղից չէ։ Այնուհետև նրա հաջորդ քայլը կլինի Ջիմի մասին հայտարարություն տալ կամ նման մի բան անել։ Մենք չենք կարող այդքան երկար ժամանակ փորելու վտանգին ենթարկվել։ Օրենքով պետք է երկու տարի փորեր, բայց այդքան սպասել չենք կարող․ դրությունն անչափ անորոշ է։ Իմ խորհուրդն այս է։ Հնարավորության չափ արագ կփորենք, բայց կհաշվենք, թե երեսունյոթ տարի ենք փորել։ Ապա կարող ենք դուրս բերել նրան ու փախցնել, հենց որ տագնապի առաջին ազդանշանը լսենք։ Իմ կարծիքով լավագույն միջոցը դա է։
 
Այժմ ասածդ բանի նման է, ― ասացի ես, ― երևակայելն ի՞նչ է մեզ համար։ Դա ոչ մի նեղություն էլ չէ։ Եթե պետք է, ես կարող եմ երևակայել, թե հարյուր հիսուն տարի ենք փորել։ Դա ինձ համար դժվար չէ, երբ արդեն սկսել եմ այդ աշխատանքը։ Հիմա կգնամ, երկու փոքրիկ դանակ կճարեմ։
 
― Երեք հատ ճարիր, ― ասաց նա, ― մեկն էլ պետք է՝ սղոց շինելու համար։
 
― Թոմ, ― ասացի ես, ― եթե կանոնին և կրոնին հակառակ չէ, ես կառաջարկեմ ապխտանոցի ետևում, ծածկի տակ ընկած ժանգոտած սղոցի շեղբը։
 
Նա նայեց մի տեսակ վշտացած, հուսախաբ հայացքով և ասաց․
 
― Իզուր է, դու ոչ մի կարգին բան չես սովորի, Հեք։ Վազիր և ճարիր դանակները, երեք հատ։
 
Ես վազեցի կատարելու նրա հանձնարարությունը։
 
 
==Գլուխ երեսունվեցերորդ==
 
 
Այդ գիշեր հենց որ բոլորը քնեցին, մենք ցած իջանք շանթարգելով և փակվեցինք մարագում։ Պարկից հանեցինք փտած փայտը և գործի անցանք։ Մեր ճանապարհը ներքևի գերանի երկարությամբ չորս֊հինգ ոտնաչափ ամեն ինչից մաքրեցինք։ Թոմն ասաց, որ այժմ ուղղակի գտնվում ենք Ջիմի մահճակալի տակ և հենց նրա տակ էլ կխրամատավորվենք։ Երբ վերջացնենք, հյուղակում ոչ ոք չի իմանա, թե այնտեղ որևէ անցք կա, որովհետև Ջիմի վերմակը կախվում է մինչև գետինը, և անցքը տեսնելու համար պետք է այն վեր բարձրացնել։ Շարունակեցինք դանակներով փորել մինչև գրեթե կեսգիշեր։ Արդեն շան նման հոգնել էինք, մեր ձեռքերին առաջացել էին բշտիկներ, բայց դեռ չէր երևում, թե որևէ բան ենք արել։ Վերջապես ես ասացի․
 
― Սա ոչ թե երեսունյոթ տարվա, այլ երեսունութ տարվա գործ է, Թոմ Սոյեր։
 
Նա ոչինչ չասաց, խորը հառաչեց և շուտով դադարեց փորելուց։ Ես նկատեցի, որ երկար ժամանակ մտածում է։ Հետո թե․
 
― Իզուր է, Հեք, բան դուրս չի գա։ Եթե բանտարկյալները մենք լինեինք, գլուխ կգար, որովհետև այդ դեպքում մենք մեր տրամադրության տակ կունենայինք այնքան տարիներ, որքան ուզենայինք։ Շտապելու կարիք չէր լինի և մենք օրական մի քանի րոպե կաշխատեինք պահակների հերթափոխության ժամանակ։ Մեր ձեռքերին էլ բշտիկներ չէին առաջանա։ Կփորեինք տարիներով, և ամեն ինչ կլիներ ճիշտ այնպես, ինչպես հարկն է։ Բայց մենք չենք կարող հիմարաբար ժամանակը վատնել․ պարտավոր ենք շտապել։ Եթե մի գիշեր էլ այսպես աշխատենք, ստիպված կլինենք մի շաբաթ դադար տալ, որպեսզի մեր ձեռքերը լավանան։ Ավելի շուտ դանակ բռնել չենք կարողանա։
 
― Լավ, ուրեմն ի՞նչ անենք, Թոմ։
 
― Ասեմ, թե ինչ։ Սա ճիշտ չէ և դեմ է բարոյականությանը։ Չէի ցանկանա, որ այս բանն իմացվեր, բայց ուրիշ ճանապարհ չկա։ Մենք ստիպված կլինենք քլունգներով փորել և կերևակայենք, թե դրանք մեծ դանակներ են։
 
― Ա՜յ, ինչ եմ ասե՜լ, ― գոչեցի ես, ― քո գլուխն ավելի ու ավելի լավ է աշխատում, Թոմ Սոյեր։ Բարոյականության դեմ է թե ոչ, իսկականը գլունգն է։ Ինչ վերաբերում է ինձ, ես այդ բարոյականությանը ոչ մի նշանակություն չեմ տա։ Երբ ես սկսում եմ նեգր գողանալ, կամ մի ձմերուկ կամ կիրակնօրյա դպրոցի մի գիրք, ինձ համար առանձնապես հետաքրքիր չէ, թե դա ինչպես է կատարվում։ Միայն թե կատարվի։ Իմ ուզածն իմ նեգրն է, ձմերուկը, կիրակնօրյա դպրոցի գիրքը։ Եվ եթե քլունգն ամենաձեռնտու բանն է, ապա դրանով էլ կփորեմ, դուրս կբերեմ իմ նեգրին կամ ձմերուկը կամ կիրակնօրյա դպրոցի գիրքը։ Ինձ համար մի սատկած առնետի չափ էլ արժեք չունի, թե հեղինակավոր մարդիկ ինչ կմտածեն։
 
― Լավ, ― ասաց նա, ― այս գործում կարելի էր արդարացնել նաև քլունգը և երևակայել որևէ այլ բան։ Եթե դա այդպես չլիներ, ես չէի համաձայնի, ոչ էլ մի կողմ կկագնեի ու կդիտեի կանոնի խախտումը, որովհետև ճիշտը ճիշտ է, սխալը սխալ, և ոչ ոք իրավունք չունի սխալ գործելու, եթե նա անգիտակ մարդ չէ և գործը լավ է հասկանում։ Կարող էր քեզ համար հարմար լինել և քլունգով փորել, դուրս բերել Ջիմին, առանց որևէ բան երևակայելու, որովհետև դու այդ բանը չես հասկանում։ Իսկ ինձ չի կարելի, որովհետև ես գիտեմ՝ ինչն է ճիշտ։ Ինձ մի դանակ տուր։
 
Նրա դանակն իր մոտ էր, բայց, այնուամենայնիվ, ես իմը տվի։ Նա դանակը շպրտեց գետին ու ասաց․
 
― Դանա՛կ տուր։
 
Սկզբում չգիտեի, թե ինչ անեմ, բայց հետո գլխի ընկա։ Հին գործիքները դես֊դեն շուռ տալով, մի քլունգ ճարեցի ու տվի։ Նա վերցրեց ու գործի անցավ՝ առանց մի բառ ասելու։
 
Նա ուրի՜շ տղա էր։ Ես էլ մի բահ վերցրի, փորեցինք ու հողը դուրս թափեցինք։ Հողի կտորները դես֊դեն էին թռչում։ Այդպես աշխատեցինք մոտ կես ժամ։ Ավելի երկար աշխատել չէինք կարող։ Բայց անցքի զգալի մասն արդեն փորված էր։ Երբ բարձրացա սենյակ, պատուհանից նայեցի Թոմին։ Նա ամեն ճիգ գործադրում էր շանթարգելով բարձրանալու համար, բայց չէր կարողանում․ ձեռքերը բշտիկներից ցավում էին։ Վերջապես ասաց․
 
― Իզուր է, հնարավոր չէ բարձրանալ։ Քո կարծիքով, ի՞նչ անեմ, որ ավելի լավ լինի, Հեք։ Չե՞ս կարող մի ուրիշ միջոց հնարել։
 
― Կարող եմ, բայց դա կանոնին հակառակ կլինի։ Աստիճաններով բարձրացիր և երևակայիր, թե դա շանթարգել է։
 
Եվ նա այդպես էլ արեց։
 
Հաջորդ օրը Թոմը տնից գողացավ անագե մի գդալ և արույրե մի մոմակալ, որպեսզի Ջիմի համար գրիչներ պատրաստի։ Գողացավ նաև վեց մոմ։ Ես էլ, պտտվելով նեգրերի հյուղակների շուրջը և, հարմար առիթից օգտվելով, թռցրի անագե երեք ափսե։ Թոմն ասաց, որ դա բավական չէ, բայց ես առարկեցի․ ոչ ոք չի տեսնի Ջիմի դուրս նետած ափսեները։ Դրանք կընկնեն պատուհանի տակի վայրի խոտերի ու եղինջների մեջ, մենք էլ կվերցնենք ու կվերադարձնենք, և նա նորից կարող է գրել։ Թոմը գոհ էր իմ բացատրությունից և ասաց․
 
― Այժմ մնում է մի բան․ այս իրերն ինչպե՞ս հասցնենք Ջիմին։
 
― Անցքից կտանք, երբ այն լրիվ բացված կլինի, ― ասացի ես։
 
Նա արհամարհական հայացքով նայեց ինձ և ասաց, որ ոչ ոք երևի նման հիմար միտք հայտնած չէր լինի, ապա շարունակեց մտածել։ Շուտով ասաց, որ ինքը երկու֊երեք միջոց է գտել, բայց դեռ կարիք չկա որոշելու, թե որի՛ վրա պետք է կանգ առնել։ Ասաց, որ մենք պետք է նախ Ջիմին տեղեկացնենք այդ մասին։
 
Այդ երեկո շանթարգելով ցած իջանք։ Ժամը ութն անց էր։ Մեզ հետ վերցրինք մոմերից մեկը։ Պատուհանի տակ ականջ դրինք և լսեցինք Ջիմի խռմփոցը։ Մոմը պատուհանից ներս գցեցինք, բայց Ջիմը չարթնացավ։ Եռանդով գործի դրինք քլունգն ու բահը։ Մոտ երկու և կես ժամում գործն ավարտված էր։ Սողալով հասանք Ջիմի մահճակալի տակ, մտանք հյուղակը, շոշափեցինք մեր շուրջը, գտանք մոմը, վառեցինք և մի պահ կանգնեցինք Ջիմի գլխավերևում։ Նա առողջ տեսք ուներ։ Զգուշությամբ ու աստիճանաբար արթնացրինք։ Նա այնքան ուրախացավ, երբ մեզ տեսավ, որ քիչ մնաց՝ լաց լինի։ Մեզ անվանեց «անուշիկներ» և շատ ուրիշ փաղաքշական բառեր մրմնջաց։ Խնդրեց, որ անմիջապես կտրենք ոտքի շղթան ու առանց ժամանակ կորցնելու փախչենք։ Բայց Թոմը բացատրեց, որ դա կանոնին հակառակ կլիներ, և նստեց նրա կողքին ու պատմեց մեր ծրագրերի մասին։ Ասաց, որ հանկարծ կարող ենք փոխել մեր ծրագրերը, երբ տագնապի նշաններ երևան, և որ վախենալու կարիք չկա․ մենք անպայման նրան կազատենք։ Ջիմը համաձայնեց և մենք նստեցինք այնտեղ ու մի քիչ խոսեցինք անցյալից։ Հետո Թոմը մի շարք հարցեր տվեց։ Երբ Ջիմն ասաց, որ հորեղբայր Սայլասը երկու օրը մեկ գալիս է իր հետ աղոթելու, մորաքույր Սալլին էլ գալիս է տեսնելու, թե կալանավորն ինչպես է զգում իրեն, բավարար սնունդ տալի՞ս են, թե՞ ոչ։ Ամուսինները երկուսն էլ շատ բարի են։
 
Թոմն ասաց․
 
― Այժմ գիտեմ, թե ինչպես է այդ գործը գլուխ գալու։ Մենք քեզ որոշ բաներ նրանց միջոցով կուղարկենք։
 
Ես առարկեցի․
 
― Այդպիսի բան չանես։ Ես ավելի ապուշ բան չեմ պատկերացնում։
 
Բայց նա ոչ մի ուշադրություն չդարձրեց և շարունակեց իր խոսակցությունը։ Նա միշտ այդպես էր, երբ մի բան էր ծրագրում։
 
Թոմը Ջիմին պատմեց, թե ինչպես մենք կերակրող նեգր Նաթի միջոցով պարանե սանդուղք և ուրիշ բաներ կհասցնենք իրեն՝ կարկանդակի մեջ դրած։ Ինքը պետք է զգույշ լինի, հանկարծակիի չգա և այնպես անի, որ բացելիս Նաթը ոչինչ չնկատի, իսկ փոքր բաները կդնենք հորեղբոր բաճկոնակի գրպանները։ Ինքը՝ Ջիմը պետք է դրանք ծածուկ դուրս բերի գրպաններից։ Որոշ բաներ էլ կկապենք մորաքույր Սալիի գոգնոցի թելերից կամ կդնենք գոգնոցի գրպանը, եթե հարմար առիթ լինի։ Թոմն ասաց, թե ինչ կուղարկի և ինչի համար են դրանք, թե ինչպես է օրագիր պահելու՝ իր արյամբ շապկի վրա գրելով։ Նա ամեն ինչ ասաց։ Ջիմը չէր հասկանում, թե ինչ նպատակ ունի այդ ամենը, բայց ընդունում էձ, որ մենք, լինելով սպիտակամորթներ, իրենից լավ ենք հասկանում։ Գոհ մնաց և խոստացավ, որ այդ ամենը կկատարի այնպես, ինչպես Թոմն է պատվիրել։
 
Ջիմը ծխախոտ շատ ուներ, ինչպես նաև եգիպտացորենի ցողունից պատրաստած ծխամորճեր։ Լավ ժամանակ անցկացրինք։ Ապա սողալով դուրս եկանք անցքից ու գնացինք քնելու։ Մեր ձեռքերի կաշին կարծես պոկված լիներ։ Թոմի տրամադրությունը բարձր էր։ Նա ասաց, որ դա իր կյանքի ամենազվարճալի և ամենախելացի իրադարձությունն է։ Եթե իմանար, թե բանն ինչով կվերջանա, մեր ամբողջ կյանքում կշարունակեինք այդ խաղը և կթողնեինք, որ մեր երեխաները Ջիմին ազատեն։ Թոմը հավատացած էր, որ Ջիմը որքան ընտելանար իր վիճակին, այնքան դա դուր կգար նրան։ Թոմն ասաց, որ այդ ձևով դա կձգձգվեր մինչև ութսուն տարի։ Դա ռեկորդային ժամկետ կլիներ, և մեզ կփառաբանեին որպես այդ գործի մասնակիցների։
 
Առավոտյան գնացինք փայտի դեզի մոտ և կտրատեցինք, մաս֊մաս արեցինք արույրե մոմակալը։ Թոմն այդ կտորներն ու անագե գդալն իր գրպանը դրեց։ Ապա գնացինք դեպի նեգրերի հյուղակները, և մինչ ես Նաթի ուշադրությունը կգրավեի իմ կողմը, Թոմը մոմակալի մի կտորը խրեց Ջիմին ուղարկվող հացի մեջ, և մենք Նաթի հետ գնացինք Ջիմի մոտ՝ տեսնելու, թե ինչ դուրս կգա։ Արդյունքը հիանալի էր։ Երբ Ջիմը կծեց հացը, քիչ էր մնում ատամը ջարդի։ Ոչ մի բան ավելի լավ նպատակին հասած չէր լինի, ինչպես ասաց Թոմը։ Ջիմի դեմքը ոչինչ չարտահայտեց։ Նա միայն ասաց, որ ինչ֊որ քարի կտոր կամ նման մի բան պետք է լինի։ Դե, հացի մեջ միշտ այդպիսի բաներ լինում են։ Այնուհետև ոչ մի բան բերանը չէր տանում, մինչև պատառաքաղը երեք֊չորս տեղից չէր խրում։
 
Մինչ մենք կանգնած էինք աղոտ լույսի տակ, Ջիմի մահճակալի տակից դուրս թռան երկու շուն, և հետզհետե դրանց թիվը շատացավ, հասավ տասնմեկի։ Խցիկում շունչ քաշելու տեղ չմնաց։ Աստվա՜ծ իմ, մոռացել էինք կողքի մարագի դուռը փակել։ Նեգր Նաթը միայն մի անգամ գոռաց․ «կախարդները», վայր ընկավ հատակին, շների մեջ ու սկսեց այնպես տնքալ, կարծես մեռնում էր։ Թոմը բաց արեց դուռը, Ջիմին բերած մսից մի կտոր դուրս նետեց, և շները վազեցին մսի վրա։ Վայրեկենապես ինքն էլ դուրս եկավ, ապա վերադարձավ ու փակեց դուռը։ Կարծում եմ, որ նա փակած կլիներ նաև կողքի սենյակի դուռը։ Թոմն օգնության հասավ ընկած նեգրին, շողոքորթելով ու շոյելով հարցրեց, թե ուրիշ բան էլ երևացե՞լ է աչքին։ Նեգրը վեր կացավ, թարթեց աչքերը, նայեց շուրջը ու ասաց․
 
― Միստր Սիդ, հիմա կասեք, թե ես հիմար եմ, բայց եթե աչքովս չեմ տեսել մեկ միլիոն շուն կամ սատանաներ կամ չգիտեմ թե ինչ, հենց այստեղ թող վայր ընկնեմ, մեռնեմ։ Աստված վկա, միստր Սիդ, տեսա, զգացի, սըր․ բոլորն ինձ վրա էին գալիս։ Ա՜խ, թե մեկը ձեռքս ընկներ, մի կախարդ, թեկուզ մի անգամ, այն ժամանակ ցույց կտայի։ Բայց ամենալավն այն կլիներ, որ դրանք ինձ հանգիստ թողնեն, ուրիշ բան չէի ուզի։
 
Թոմն ասաց․
 
― Լավ, ասեմ, թե ես ինչ եմ մտածում։ Ի՞նչն է ստիպում նրանց գալ այստեղ, այս փախած նեգրի հենց նախաճաշի ժամանակ։ Պատճառը պարզ է․ սոված են։ Դու պետք է կախարդված կարկանդակ պատրաստես նրանց համար, ուրիշ ոչինչ պետք չէ։
 
― Բայց աստվա՜ծ իմ, միստր Սիդ, ինչպե՞ս պատրաստեմ կախարդված կարկանդակ․ չգիտեմ ինչպես թխեմ։ Այդպիսի կարկանդակի մասին չեմ լսել։
 
― Լավ, այդ դեպքում ես ստիպված եմ ինքս պատրաստել։
 
― Կանե՞ս, անուշիկս, կանե՞ս։ Ես քո ոտքերի տակի հողը կհամբուրեմ։
 
― Շատ լավ, կանեմ, քեզ համար․ դու բարի ես եղել մեր նկատմամբ, մեզ ցույց ես տվել փախած նեգրին։ Բայց պետք է շատ զգույշ լինես։ Երբ մենք այստեղ գանք, դու թիկունքդ դարձրու մեզ և ինչ֊որ դնենք Ջիմի տապակի մեջ, չնայես։ Երբ Ջիմը դատարկի տապակը, նույնպես չնայես, թե չէ ո՞վ գիտե, թե ինչ կարող է պատահել։ Իսկ ամենակարևորն այն է, որ կախարդված բաներին ձեռք չտաս։
 
― Ձեռք տա՜լ, միստր Սիդ։ Ինչե՞ր եք ասում․ մատս էլ չեմ դիպցնի, թեկուզ հարյուր, հազար, միլիարդ դոլար տան։
 
 
==Գլուխ երեսունյոթերորդ==
 
 
Գործը գլուխ եկավ։ Մենք դուրս եկանք, գնացինք դեպի բակի ետևում դիզված աղբակույտը, ուր նետում էին կոշիկներ, ցնցոտիներ, շշի կտորներ և թիթեղյա հնացած, մաշված իրեր ու նման բաներ։ Դես֊դեն ընկանք, գտանք թիթեղյա մի հին թաս և ինչքան կարող էինք անցքերը փակեցինք, որպեսզի դրա մեջ կարկանդակ եփենք։ Թասը տարանք մառան, լցրիք ալյուրով ու գնացինք նախաճաշի։ Ճանապարհին երկու մեխ գտանք, և Թոմն ասաց, որ դրանք բանտարկյալին պետք կգան։ Դրանով նա իր անունը կփորագրի բանտի պատերին և կգրի իր տանջանքների մասին։ Եվ մենք դրանից մեկը գցեցինք մորաքույր Սալլիի՝ աթոռին գցած գոգնոցի գրպանը, մյուսն էլ ամրացրինք հորեղբայր Սայլասի՝ սեղանին դրված գլխարկի ժապավենի վրա։ Երեխաներից լսել էինք, որ ամուսիններն այս առավոտ գնալու են փախած նեգրի մոտ։ Այնուհետև գնացինք նախաճաշի։ Թոմն անագի գդալը գցեց հորեղբայր Սայլասի գրպանը։ Մորաքույր Սալլին դեռ չէր եկել, և մենք ստիպված եղանք մի փոքր սպասել։
 
Սալլին եկավ կարմրած, բարկացած ու վրդովված։ Չէր կարողանում համբերել մինչև սեղանի բարեմաղթումը։ Մի ձեռքով սուրճ էր լցնում, իսկ մյուս ձեռքի մատներով անընդհատ դմբացնում էր ամենամոտիկ երեխայի գլխին։ Հետո էլ թե․
 
― Ես նայեցի վեր, վար, և զարմանալի է, թե ի՛նչ եղավ քո մյուս շապիկը։
 
Սիրտս կուչ եկավ։ Եգիպտացորենի հացի կողինձը կուլ տալիս հազացի, և այն դուրս թռավ, անցավ սենյակի վրայով ու ընկավ երեխաներից մեկի աչքը։ Երեխան կծկվեց, ինչպես որդը ձկնորսի կարթի վրա, և բարձրացրեց ահավոր մի վայնասուն։ Թոմն էլ կապտել էր, ինչպես ձկան խռիկի շուրջը։ Մեր դրությունը մոտավորապես քառորդ րոպե աննախանձելի էր։ Բայց դրանից հետո ամեն ինչ խաղաղվեց։ Անսպասելիությունից էր, որ այդպես ցնցվեցին։ Հորեղբայր Սայլասն ասաց․
 
― Զարմանալի է, ոչինչ չեմ հասկանում։ Շատ լավ հիշում եմ․ շապիկս հանեցի, որովհետև․․․
 
― Որովհետև դու միայն մեկ շապիկ ես հագնում։ Ես գիտեմ, որ հանեցիր և ավելի լավ գիտեմ, քան դու, ցրվա՛ծ։ Երեկ շապիկդ չորանում էր պարանի վրա, ինքս եմ տեսել։ Բայց այժմ չկա ու վերջ։ Պետք է հագնես կարմիր ֆլանելե շապիկը, մինչև ես ժամանակ ունենամ մի նորը կարելու։ Դա երրորդը կլինի այս երկու տարում։ Ինչպիսի՜ ջանքեր են հարկավոր, որպեսզի դու վրադ միշտ շապիկ ունենաս։ Չեմ հասկանում, թե ինչ ես անում շապիկները։ Այդ տարիքում մարդ պիտի որոշ չափով խնայի իր սպիտակեղենը։
 
― Գիտեմ, Սալլի։ Կարողացածիս չափ խնայում եմ։ Բայց դա չի կարող միայն իմ մեղքը լինել։ Դու գիտես, որ ես շապիկները տեսնում եմ, երբ հագիս են լինում, և չեմ կարծում, թե շորը վրայիցս թռչում, կորչում է։
 
― Այո, այս անգամ դու մեղավոր չես, Սայլաս, բայց կկորցնեիր, եթե կարողանայիր։ Գիտես, որ մենակ շապիկը չի կորել։ Մի գդալ էլ չկա, և բանը դրանով էլ չի վերջանում։ Տասը գդալ կար, և մնացել է ինը։ Ասենք թե շապիկը հորթն է տարել, բայց հորթը գդալ չի տանի։ Այդ մասին կասկած լինել չի կարող։
 
― Էլ ի՞նչ է կորել, Սալլի։
 
― Վեց մոմ, այ թե ինչ։ Առնետները կարող են տարած լինել և, հավանաբար, նրանք էլ տարել են։ Զարմանում եմ, որ ամբողջ տունը չեն տանում։ Դու միշտ խոստանում ես փակել դրանց բները, բայց չես փակում։ Եթե առնետները հիմար չլինեին, քո մազերի մեջ կքնեին, Սայլաս, և դու երբեք չէիր իմանա։ Բայց գիտեմ, որ գդալի կորչելը չես կարող նրանց վերագրել։
 
― Լավ, Սալլի, մեղավոր եմ և ընդունում եմ։ Ես անհոգ եմ եղել, բայց վաղն անպայման կփակեմ այդ անցքերը։
 
― Օ՜, եթե քո տեղը լինեի, չէի շտապի, կհետաձգեի եկող տարվան․․․ Մաթիլդա Անջելինա Ֆելփս։
 
― Թրը՜խկ։
 
Նա մատնոցով հարվածեց երեխայի գլխին, և երեխան ձեռքը հեռու քաշեց շաքարամանից, վերջ տվեց չարությանը։ Այդ պահին նեգրուհին միջանցք եկավ ու ասաց․
 
― Միսիս, մի սավանը կորել է։
 
― Սավան է կորե՞լ։ Տե՜ր աստված։
 
― Անցքերն այսօր կփակեմ, ― ասաց հորեղբայր Սայլասը հուզված։
 
― Ձայնդ կտրի՛ր։ Ասենք թե առնետները տարան, բայց ո՞ւր տարան։ Ո՞ւր կորավ, Լիզա։
 
― Աստված վկա, միսիս Սալլի, չգիտեմ։ Երեկ պարանի վրա էր, իսկ այսօր չկա։
 
― Աշխարհի վերջը եկել է։ Կյանքումս այսպիսի բան չէի տեսել․․․ շապիկ, սավան, գդալ, վեց մոմ․․․
 
― Միսիս, ― լսվում է մի ջահել խառնածինի ձայնը, ― արույրե մի մոմակալ չկա։
 
― Կորի՛ր այստեղից, թե չէ ամանը գլխովդ կտամ։
 
Մորաքույր Սալլին զայրույթից իրեն կորցրել էր։ Ես ուզեցի ծլկել անտառ, մինչև այս փոթորիկը հանդարտվեր։ Մինչդեռ մորաքրոջ բարկությունը ավելի սաստկացավ։ Մյուսները լուռ ու խաղաղ սպասում էին։ Հանկարծ հորեղբայր Սայլասը շփոթված տեսքով գրպանից հանեց գդալը։ Մորաքույր Սալլին կանգ առավ՝ բերանը բաց, ձեռքերը վեր։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, ես կուզենայի Երուսաղեմում կամ մի այլ տեղ լինել։ Բայց դա երկար չտևեց, որովհետև մորաքույր Սալլին ասաց․
 
― Ես այդպես էլ գիտեի։ Դու ամբողջ ժամանակ գդալը գրպանումդ ես պահել։ Գուցե մյուս իրերն էլ այնտեղ են։ Ինչպե՞ս դա ընկավ քո գրպանը։
 
― Չգիտեմ, Սալլի, ― ասաց նա մի տեսակ անմեղ եղանակով, ― իմանայի, կասեի։ Ես նախաճաշից առաջ Կտակարանն էի սերտում, տասնյոթերորդ գլուխը։ Երևի գրքի փոխարեն դա եմ դրել գրպանս։ Պետք է որ այդպես էլ եղած լինի, որովհետև Կտակարանը գրպանումս չէ։ Բայց գնամ, ստուգեմ։ Եթե Կտակարանը իր տեղում է, ուրեմն՝ գրպանս չեմ դրել․ Կտակարանը այնտեղ եմ թողել և փոխարենը գդալն եմ դրել և․․․
 
― Օ՜, ի սե՛ր աստծո, հանգի՛ստ թող ինձ։ Բոլորդ հեռացե՛ք և աչքիս չերևաք, մինչև հանգստանամ։
 
Ես նրան կլսեի, եթե նա նույնիսկ ինքն իրեն խոսեր և ոչ այդպես բղավեր։ Եթե նույնիսկ մեռած էլ լինեի, վեր կկենայի, կհնազանդվեի։ Մինչ մենք անցնում էինք հյուրասենյակով, ծերունին վերցրեց գլխարկը, և մեխն այնտեղից ընկավ հատակին։ Նա վերցրեց այն, դրեց բուխարու դարակին, առանց մի բան ասելու և դուրս գնաց։ Թոմը տեսավ և, հիշելով գդալը, ասաց․
 
― Լավ, անիմաստ է այսուհետև իրերը նրա միջոցով ուղարկելը։ Դա հուսալի միջոց չէ։ ― Ապա ավելացրեց, ― բայց նա մեզ մեծ ծառայություն մատուցեց գդալի խնդրում, առանց իմանալու։ Մենք պետք է գնանք և առանց նրա գիտության փակենք առնետների բները։
 
Ներքևում՝ մառանում, բավական շատ անցքեր կային, և փակելու համար հարկ եղավ մի ամբողջ ժամ չարչարվել։ Մենք այդ գործը շատ լավ գլուխ բերինք։ Շուտով աստիճանների վրայից ոտնաձայն լսեցինք, լույսը հանգցրինք և թաքնվեցինք։ Ներս մտավ ծերունին, մի ձեռքով բռնած մի մոմ, մյուս ձեռքով՝ մի կապոց։ Այնպես մտացրիվ էր երևում, որ կարծես երազում լիներ։ Մի պտույտ կատարեց, նախ մոտեցավ բներից մեկին, ապա երկրորդին, երրորդին, մինչև աչքի անցկացրեց բոլորը։ Հինգ րոպե կանգ առավ, պոկեց մոմի պատրույգի այրված մասը, դանդաղ ու երազկոտ՝ շուռ եկավ դեպի աստիճաններն ու ասաց․
 
― Կյանքս վկա, չեմ կարող հիշել, թե երբ եմ փակել դրանք, այժմ կարող եմ Սալլիին ցույց տալ, որ առնետների պատճառով պետք չէր ինձ մեղադրել։ Բայց ոչինչ, թող այդպես լինի։ Միևնույն է, դրանից բան դուրս չէր գա։
 
Նա քրթմնջալով բարձրացավ վերևի հարկը։ Նրա ետևից մենք դուրս եկանք թաքստոցից։ Նա սքանչելի ծերուկ էր։
 
Թոմը շատ էր անհանգստանում գդալի համար և ասում էր, որ պետք է մի հատ ճարել։ Սկսեց մտածել այդ մասին։ Երբ արդեն լուծել էր այդ խնդիրը, հայտնեց, թե ինչ ենք անելու։ Գնացինք դեպի գդալների կողովն ու սպասեցինք մինչև մորաքույր Սալլիի գալը։ Թոմն սկսեց գդալները հաշվել ու շարել։ Հենց այդ ժամանակ մեկը սահեցրեց իմ թևի մեջ ու ասաց․
 
― Մորաքույր Սալլի, գիտե՞ք, այստեղ ինը գդալ կա։
 
Մորաքույր Սալլին պատասխանեց․
 
― Գնա խաղդ խաղա և ինձ մի՛ ձանձրացնի։ Ես շատ լավ գիտեմ, քանի հատ է․ ինքս եմ հաշվել։
 
― Երկու անգամ հաշվեցի, մորաքույր։ Դարձյալ ինը հատ են։
 
Մորաքրոջ համբերությունն սպառվեց, բայց և այնպես նա եկավ հաշվելու։ Ով լիներ նրա տեղը, կգար։
 
― Աստվա՜ծ իմ, իսկապես ինը հատ են, ― բացականչեց նա, ― այս ի՞նչ է․․․ Կորչեն բոլորն էլ։ Մի նորից հաշվեմ։
 
Ես իմ մոտի եղածը սահեցրի ներքև՝ գդալների մեջ, և երբ հաշվեց, ասաց․
 
― Կորչեն այդ անպետք գդալները, նորից տասն են, ― և նա նեղացած, զայրացած տեսք ընդունեց։ Բայց Թոմն ասաց․
 
― Ի՞նչ եք ասում, մորաքույր, այստեղ տասը հատ չկա։
 
― Ա՛յ ապուշ, չտեսա՞ր, երբ հաշվում էի։
 
― Գիտեմ, բայց․․․
 
― Լավ, նորից կհաշվեմ։
 
Եվ ես մի հատ թռցրի, ու այնտեղ նորից մնաց ինը հատ, ինչպես առաջ։ Մորաքույրն այնպես զայրացավ, որ ամբողջ մարմնով դողում էր։ Այնպե՜ս կատաղեց։ Նա հաշվեց ու հաշվեց, մինչև այնքան շփոթվեց, որ երբեմն էլ կողովն էր գդալի տեղ հաշվում։ Մի երեք անգամ գդալների թիվը ճիշտ դուրս եկավ, երեք անգամ՝ սխալ։ Նա կողովը շպրտեց մինչև սենյակի մյուս ծայրը։ Մի հարված էլ կատուն ստացավ։ Հետո դարձավ մեզ և հրամայեց «մաքրվել», իրեն հանգիստ թողնել։ Ասաց, որ եթե մինչև ճաշ գանք և իրեն նեղացնենք, մեզ կմաշկի։ Թռցրինք չարաբաստիկ գդալը և գցեցինք նրա գոգնոցի գրպանը, երբ նա մեզ նախատում էր։ Ջիմը դեռ կեսօր չեղած դա ստացավ, ինչպես և մեխը։ Մենք մեր արածից շատ գոհ մնացինք։ Թոմն ասաց, թե դա իր պատճառած նեղությունից երկու անգամ ավելին արժե, որովհետև մորաքույրն այսուհետև երբեք չի կարողանա գդալները հաշվել այնպես, որ երկու անգամ նույն թիվը ստացվի, նույնիսկ ճիշտ էլ հաշվի, չի հավատա։ Եթե մի երեք օր էլ հաշվի, բոլորովին կկորցնի իրեն, ձեռ կքաշի դրանից և կուզենա սպանել այն մարդուն, որն կառաջարկի իրեն գդալները հաշվել։ Այդ երեկո մենք սավանը նորից փռեցինք իր տեղը, պարանի վրա, և պահարանից մի ուրիշը գողացանք։ Երկու օր շարունակ դնում էինք տեղն ու վերցնում, մինչև մորաքույրը հաշիվը կորցրեց, չգիտեր, թե քանի սավան ունի, և ասում էր, որ դա իր համար միևնույն է, դրա համար իր հոգու հանգիստը չի կորցնի և մեռնի էլ, այլևս չի հաշվի։
 
Այսպիսով, շապկի, սավանի, գդալի, մոմի հարցը լուծված էր։ Մեզ օգնեցին հորթը, առնետները, ինչպես և խառնաշփոթ հաշվումները։ Ինչ վերաբերում է մոմակալին, դա այնքան էլ կարևոր չէր։ Շուտով այդ էլ կմոռացվեր։
 
Բայց կարկանդակ թխելը կատակ չէր։ Ուղղակի տանջվեցինք։ Խմոր հունցեցինք անտառում, այնտեղ էլ թխեցինք։ Ի վերջո, կարկանդակն ստացվեց և այն էլ շատ հաջող։ Բայց այդ բոլորը մեկ օրում չկատարվեց։ Մենք ստիպված եղանք օգտագործել երեք թաս լիքը ալյուր, մինչև կարողացանք գործը գլուխ բերել։ Ձեռքներս մի քանի անգամ այրեցինք և աչքներս էլ ծխից կուրացրինք։ Մեզ միայն կեղևն էր պետք, բայց չէինք կարողանում այնպես անել, որ կարկանդակն ուռած լիներ։ Մեջտեղը միշտ փոս էր ընկնում։ Վերջապես դրա հնարը գտանք։ Սանդուղքը պետք է դնեինք խմորի մեջ և միասին եփեինք։ Երկրորդ գիշերը նստեցինք Ջիմի հետ և սավանը պատառոտեցինք, վեր ածեցինք թելերի և այնպես ոլորեցինք իրար հետ, որ դեռ լույսը չբացված հրաշալի պարանը պատրաստ էր՝ այնքան ամուր, որ կարելի էր նույնիսկ մարդ կախել։ Մենք երևակայեցինք, թե դա պատրաստելու համար վատնել ենք ինը ամիս։
 
Կեսօրից առաջ մենք պարանը տարանք անտառ, բայց կարկանդակի մեջ չտեղավորվեց։ Քանի որ պատրաստել էինք մի ամբողջ սավանից, տեղավորելու համար, երևի, մի քառասուն կարկանդակ էր պետք։ Եթե ցանկանայինք, դեռ ահագին էլ կմնար սուպի, երշիկի, կամ որևէ այլ ուտելիքի համար։ Կարող էինք դրանից մի ամբողջ ճաշ պատրաստել։ Բայց դրա կարիքը չունեինք։ Մեզ հարկավոր էր միայն այնքան, որ տեղավորվեր մի կարկանդակի մեջ։ Մնացածը դեն գցեցինք։ Լվացվելու թասի մեջ կարկանդակ չեփեցինք։ Վախենում էինք ներկը թափվի։ Բայց հորեղբայր Սայլասն արույրե մի լավ տապակ ուներ՝ փայտե կոթով։ Վրան դողում էր։ Դա ժառանգել էր իր պապից, որը բերել էր Անգլիայից Վիհլեմ Աշխարհակալի<ref>Այստեղ Հեքը սովորականի նման շփոթում է ժամանակները․ Վիլհելմ Աշխարհակալը Նորմանդիայի դուքսն էր, XI դարում։ Նա նվաճեց Անգլիան (1066 թ․)։</ref> հետ «Մայիսյան ծաղիկ»<ref>«Մաիսյան ծաղիկ ― նավ, որով XVII դարի սկզբին նավարկեցին Ամերիկա։</ref> նավով կամ առաջին նավերից մեկով։ Այլ թանկարժեք հին իրերի հետ նա այդ տապակը թաքցրել էր ձեղնահարկում։
 
Դրանք թանկ էին ոչ թե նրա համար, որ բարձր գին տվող կար։ Ոչ։ Այդ տեսակետից ոչինչ չարժեին։ Թանկ էին որպես հիշատակ։ Մենք տապակը թռցրինք ու տարանք անտառ։ Առաջին կարկանդակները հաջող չստացվեցին, որովհետև թխել չգիտեինք, բայց վերջինը շատ լավ էր։ Տապակի ներսը խմոր քսեցինք, ապա դրինք կրակին։ Մեջը տեղավորեցինք կտորներից հյուսած պարանը, վրան լցրինք խմոր և փակեցինք կափարիչը։ Կրակը թեժացրինք հինգ ոտնաչափ հեռու՝ փայտե հարմար ու սառը կոթը բռնած։ Տասնհինգ րոպեից հետո մեր կարկանդակը պատրաստ էր։ Նայողը կհիանար։ Բայց ուտողը պետք է ձեռքի տակ տասնյակ ատամնափորիչներ ունենար, որովհետև եթե այդ պարանե սանդուղքից նա չջղաձգվեր, ուրեմն՝ ես ոչինչ չեմ հասկանում։ Դա ստամոքսի այնպիսի ցավ կառաջացներ, որ երբեք չէր մոռանա։
 
Նաթը չնայեց, երբ կախարդված կարկանդակը դրինք Ջիմի տապակի մեջ։ Տապակի հատակին կերակուրի տակ դրինք երեք ափսե։ Այսպիսով Ջիմն ամեն ինչ ձեռք բերեց բարեհաջող կերպով։ Երբ ոչ ոք չկար իր մոտ, նա կոտրեց կարկանդակը և պարանի աստիճանները թաքցրեց ծղոտե ներքնակի մեջ, իսկ թիթեղյա ափսեի վրա մի քանի խազեր քաշելով՝ վերջինս դուրս նետեց պատուհանի անցքից։
 
 
==Գլուխ երեսունութերորդ==
 
 
Գրիչներ պատրաստելը տանջալից, դժվար գործ էր։ Նույնը կարելի է ասել սղոցի մասին։ Իսկ Ջիմը վախենում էր, թե մակագրությունն ամենադժվարը կլինի։ Մակագրությունները պատի վրա բանտարկյալի արած խզբզոցներն են։ Ջիմը ստիպված էր դա անել։ Թոմն ասում էր, թե պարտավոր է անել։ Դեռ չէր եղել այնպիսի դեպք, որ պետական հանցագործն իր մակագրությունները չթողներ պատի վրա, ինչպես և զինանշանը։
 
― Վերցրու լեդի Ջեյն Գրեյին, ― ասաց Թոմը։ ― Գիլֆորդ Դեդլիին կամ ծեր Նորթումբերլենդին։ Ի՞նչ անենք, Հեք, ենթադրենք թե նեղությունը մեծ է։ Ի՞նչ կարող ես անել։ Ինչպե՞ս ես հաղթանակի տանելու։ Ջիմը պետք է այդ մակագրությունն անի, ինչպես և զինանշանը։ Բոլորն էլ անում են։
 
Ջիմն ասաց․
 
― Միստր Թոմ, չէ՞ որ ես զինանշան չունեմ, բացի ափսեից ու հին շապկից ոչինչ չունեմ, և դուք գիտեք, որ շապիկը օրագրության համար է։
 
― Օ՜, չես հասկանում, Ջիմ, զինանշանը բոլորովին ուրիշ բան է։
 
― Համենայն դեպս, ― ասացի ես, ― Ջիմն իրավացի է, երբ ասում է, թե զինանշան չունի, և իսկապես չունի։
 
― Կարծեմ, ես էլ գիտեմ, ― ասաց Թոմը, ― բայց կարող ես հավատալ, որ նա զինանշան կունենա նախքան այստեղից դուրս գալը։ Նա փախչելու է, իսկ թերի արձանագրությամբ փախչել հնարավոր չէ։
 
Մինչ ես ու Ջիմն աղյուսի վրա սրում էինք գրիչները (Ջիմն արույրից էր պատրաստում, իսկ ես՝ գդալից), Թոմը մտածում էր զինանշանի մասին։ Շուտով նա հայտնեց, որ ինքն այնքան լավ զինանշաններ է վերհիշել, որ չգիտե, թե ո՛րն ընտրի։ Բայց կար մեկը, որի վրա կանգ էր առել։ Նա ասաց․
 
― Մենք զինանշանի վահանի աջ կողմի վրա ունենալու ենք ոսկի գոտի, զինանշանի կենտրոնում՝ մուգ կարմիր շեղախաչ, մի շուն՝ պառկած և գլուխը բարձրացրած, որը նշան է սպառնացող վտանգի, թաթի տակ՝ կեռիկներով զարդարված մի շղթա՝ որպես ստրկության նշան, ատամնավոր եզրերով կանաչ ժապավեն, երեք կոր գիծ՝ երկնագույն դաշտում, իսկ մեջտեղում վահան՝ զինանշան, ատամնավոր եզրերով։ Վերևում՝ փախչող, սևաթույր մի նեգր, կապոցն ուսին, չարաշուք ծովի եզրին և երկու կարմիր հենարան, որոնք կներկայացնենք քեզ և ինձ․ նշանաբանը կլինի․ «Maggiore fretta ― minore atto»։ Ես դա գրքից եմ վերցրել և նշանակում է․ «Շատ շտապես, ուշ տեղ կհասնես»։
 
― Լավ է, ― ասացի ես, ― բայց մնացա՞ծն ինչ է նշանակում։
 
― Մենք ժամանակ չունենք դրա համար անհանգստանալու, ― պատասխանեց նա, ― մենք պետք է շուտ վերջացնենք և դուրս գանք այստեղից։
 
― Լավ, ― ասացի ես, ― գոնե ասա, ինչ է նշանակում զինանշանի կենտրոն։
 
― Զինանշանի կենտրոն․․․ կենտրոն․․․ կարիք չկա իմանալ։ Երբ բանը դրան հասնի, ես Ջիմին ցույց կտամ, թե դա ինչպես պատրաստի։
 
― Դատարկ բան ես խոսում, Թոմ․ մի՞թե չես կարող ասել, թե ինչ է դա։ Իսկ ի՞նչ բան է «չարաշուք ծով»։
 
― Չգիտեմ։ Բայց Ջիմը պետք է այդ բաները պատրաստի։ Բոլոր ազնվականների մոտ էլ դա կա։
 
Նա այդպիսի տղա էր։ Եթե չէր ուզում մի բան բացատրել, չէր բացատրի։ Թեկուզ մեկ շաբաթ փորձես դուրս կորզել գաղտնիքը, միևնույն է, իզուր է։
 
Կարգի բերելով զինանշանի հարցը, նա անցավ մնացածին։ Ուզում էր հնարել սրտաճմլիկ մի մակագրություն։ Ասում էր, որ Ջիմը պետք է այդ մակագրությունն անի, ինչպես արել են բոլորը։ Նա մի շարք մակագրություններ հորինեց, գրեց թղթի վրա ու կարդաց․
 
«1. Այստեղ փշրվեց գերված մի սիրտ։
 
2. Այստեղ մի խեղճ բանտարկյալ, լքված աշխարհից ու բարեկամներից, քարշ տվեց իր տխուր գոյությունը։
 
3. Այստեղ խորտակվեց մենավոր մի սիրտ․ հոգնած մի հոգի հանգստի գնաց երեսունյոթ տարվա բանտարկությունից հետո։
 
4. Այստեղ երեսունյոթ տարվա դառը բանտարկությունից հետո կորավ լքված ու անտուն, օտարերկրացի մի ազնվական՝ Լյուդովիկոս XIV-ի ապօրինի որդին»։
 
Թոմի ձայնը դուղում էր, երբ կարդում էր դրանք, և քիչ էր մնում լաց լինի։ Երբ վերջացրեց, ոչ մի կերպ չէր կարող որոշել, թե դրանցից ո՛րը Ջիմը պիտի մեխով փորագրի պատի վրա։ Բոլորն անչափ լավ էին։ Վերջիվերջո որոշեց, որ դրանք բոլորն էլ փորագրի պատի վրա։ Ջիմն ասում էր, թե մեխով այդքանը գերանի վրա փորագրելը մեկ տարի կտևի, բացի այդ, ինքը տառերը գրել չգիտե։ Բայց Թոմն ասաց, որ նա ինքը մատիտով կգրի, և նրան այնուհետև ոչինչ չի մնա, բացի գծերը խորացնելուց։ Հետո էլ թե․
 
― Եկեք մտածենք, գերանները հարմար չեն․ բանտի պատերը փայտից չեն շինում։ Մենք պետք է փորագրությունը քարի վրա անենք։ Մի քար բերենք այստեղ։
 
Ջիմն ասաց, որ քարը կոճղից վատ է։ Ասաց, որ քարի վրա փորագրելը շատ ժամանակ կխլի, և ինքը երբեք դուրս չի գա այստեղից։ Բայց Թոմն ասաց, որ ինձ թույլ կտա օգնեմ։ Ապա նայեց, թե ես ու Ջիմն ինչպես ենք գրիչներ պատրաստում։ Դա չափազանց ձանձրալի, ծանր ու դանդաղ առաջ շարժվող գործ էր։ Ձեռքերիս վերքերը դեռ չէին լավացել, և գործն առաջ չէր գնում։ Թոմն ասաց․
 
― Ես գիտեմ, ինչպես գլուխ բերել այս գործը։ Մենք պետք է մի քար բերենք զինանշանի և ողբալի մակագրությունների համար։ Սղոցարանի մոտ կա մի մեծ, գեղեցիկ ջրաղացքար։ Դա քարշ կտանք այստեղ և վրան կփորագրենք մակագրությունները։ Գրիչներն ու սղոցն էլ կսրենք։ Այդպես մեկ քարով երկու թռչուն սպանած կլինենք։
 
Դա վատ միտք չէր, ոչ էլ քարն էր վատ։
 
Որոշեցինք քարշ տալ այդ քարը։ Դեռ կեսգիշեր չկար։ Գնացինք բերելու, Ջիմին թողնելով, որ աշխատի։ Մենք քարշ տվինք քարը և սկսեցինք գլորել դեպի տուն, բայց դա դժոխային չարչարանք էր։ Երբեմն, չնայած մեր բոլոր ջանքերին ոչ մի կերպ չէինք կարողանում այնպես պահել, որ վայր չընկներ և ամեն անգամ ընկնելիս քիչ էր մնում մեզ ճզմեր։ Թոմն ասաց, թե մինչև տուն տանելը մեզանից մեկն ու մեկին կճզմի։ Ճանապարհի կեսն անցանք, բայց կատարյալ ուժասպառ եղանք, քրտինքի մեջ կորանք։ Տեսանք, որ անօգուտ է, երկուսով չենք կարող, ստիպված եղանք գնալ, կանչել Ջիմին։ Նա բարձրացրեց մահճակալի ոտը, շղթան սահեց, վայր ընկավ, ապա այն փաթաթեց վզի շուրջը, և մենք դուրս սողացինք մեր բացած անցքից։ Ջիմն ու ես կպանք քարին, գլորեցինք, ինչպես փայտե անիվ, իսկ Թոմը կարգադրություններ էր անում։ Ավելի լավ կարգադրող տղա ես իմ կյանքում չեմ տեսել։ Ամեն ինչից խելքը հասնում էր։
 
Մեր բաց արած անցքը բավական մեծ էր, բայց ոչ այնքան, որ ջրաղացքարը միջից անցներ։ Ջիմը շուտով վերցրեց քլունգը և ինչքան պետք էր լայնացրեց։ Ապա Թոմը քարի վրա մեխով մակագրություններ արեց և Ջիմին պատվիրեց աշխատել դրանց վրա։ Որպես դուր Ջիմը պետք է օգտագործեր մեխը, կողքի տնակում թափված անպետք իրերի միջից բերած երկաթի կտորն էլ՝ որպես մուրճ։ Թոմը պատվիրեց աշխատել մինչև մոմը վառվի և վերջանա։ Հետո Ջիմը կարող էր պառկել, քարն էլ թաքցնել ծղոտե ներքնակի տակ ու քնել վրան։ Մենք օգնեցինք Ջիմին, շղթան անցկացրինք մահճակալի ոտքին և ինքներս էլ պատրաստվեցինք անկողին մտնել։ Բայց Թոմը հանկարծ ինչ֊որ բան հիշեց․
 
― Այստեղ սարդեր կա՞ն, Ջիմ։
 
― Ոչ, սըր, փառք աստծո, չկան, միստր Թոմ։
 
― Շատ լավ, մի քանի հատ կճարենք։
 
― Բայց աստված օրհնի ձեզ, քաղցրիկս, ինչի՞ս են պետք։ Ես սարդերից վախենում եմ։ Ավելի շուտ կուզենայի բոժոժավոր օձեր։
 
Թոմը մեկ֊երկու րոպե մտածեց և ապա ասաց․
 
― Լավ միտք է։ Պետք է իրականացնել։ Կարծես առաջ այդպիսի բան արել եմ։ Խելքի մոտ բան է։ Այո, դա լավ միտք է։ Որտե՞ղ կարող ես պահել։
 
― Ի՞նչը պահեմ, միստր Թոմ։
 
― Չասացի՞ք բոժոժավոր օձեր։
 
― Ողորմա՜ծ աստված։ Միստր Թոմ, եթե այստեղ բոժոժավոր օձ գա, ես գլուխս հենց այս պատին կտամ կամ կփախչեմ։
 
― Ինչո՞ւ, Ջիմ, կարճ ժամանակից հետո այլևս չես վախենա, կարող ես ընտելացնել։
 
― Ընտելացնե՞լ։
 
― Այո, շատ հեշտ։ Ամեն մի կենդանի, եթե բարի լինեն նրա հանդեպ, փաղաքշեն, երախտապարտ կմնա և չի մտածի վնաս տալ այն մարդուն, ով գուրգուրում է իրեն։ Ուզածդ գրքում այդ մասին գրված կա։ Փորձիր, խնդրում եմ, փորձիր երկու֊երեք օր։ Դու կարող ես այնպես վարժեցնել, որ կարճ ժամանակից հետո օձը քեզ սիրի, քնի քեզ հետ, ոչ մի րոպե չհեռանա քեզանից, թողնի, որ իրեն փաթաթես վզիդ շուրջը և գլուխը դնես բերանիդ մեջ։
 
― Խնդրում եմ, միստր Թոմ, այդպես մի՛ խոսեք։ Չեմ կարող նույնիսկ լսել։ Նա թույլ կտա, որ գլուխը բերանս դնեմ որպես բարյացակամության նշան, այո՞։ Նա շա՜տ պիտի սպասի, մինչև խնդրեմ։ Չեմ էլ ուզում, որ օձն ինձ հետ քնի։
 
― Ջիմ, այդքան հիմար չեն լինի։ Բանտարկյալը պետք է որևէ մունջ մտերիմ էակ ունենա իր մոտ, և եթե մինչև այժմ բոժոժավոր օձ չեն փորձել, ապա որպես առաջին փորձող, դու ավելի մեծ փառք ու համբավ ձեռք կբերես, քան որևէ այլ ձևով, որ կարող ես հնարել՝ կյանքդ փրկելու համար։
 
― Բայց, միստր Թոմ, ես այդպիսի փառք չեմ ուզում։ Եթե օձը Ջիմի ծնոտը կծի, էլ փառքը նրա ինչի՞ն է պետք։ Ոչ, սըր, ես այդպիսի բան չեմ ուզում։
 
― Գրողը տանի, մի՞թե չես կարող փորձել։ Ես միայն ուզում եմ, որ փորձես։ Եթե չհաջողվի, ոչ ոք քեզ չի ստիպի օձ պահել։
 
― Բայց դժբախտությունն արդեն եկած կլինի, եթե հենց փորձելու ժամանակ նա ինձ խայթի։ Միստր Թոմ, ես համաձայն եմ անել ամեն ինչ, որը հարմար կգտնեք, բայց եթե դուք և Հեքը բոժոժավոր օձ բերեք այստեղ, որպեսզի ես ընտելացնեմ, ապա կփախչեմ, անպայման կփախչեմ։
 
― Լավ, թողնենք այդ, թողնենք, եթե դու այդքան բթամիտ ես։ Այդ դեպքում կբերենք մի քանի լորտու։ Պոչերին մի քանի կոճակ կկապես և կերևակայես, թե բոժոժավոր օձեր են։ Կարծում եմ՝ սա հնարավոր է։
 
― Լորտուները ոչինչ, միստր Թոմ, բայց մի՞թե առանց դրանց հնարավոր չէ․․․ Ես երբեք չէի լսել, որ բանտարկյալ լինելն այսքան ձանձրալի է, այսքան տանջալի։
 
― Միշտ էլ այդպես է լինում, երբ պահպանում ես բոլոր կանոնները։ Այստեղ առնետներ կա՞ն։
 
― Ոչ, սըր, ոչ մի հատ չեմ տեսել։
 
― Լավ, այդ դեպքում մի քանի առնետ կճարենք։
 
― Միստր Թոմ, ես առնետ չեմ ուզում։ Դրանք մարդկանց խանգարելու տեսակետից ամենաանիծված արարածներն են․ վազում են մարդու վրա, կծում ոտքը, երբ ուզում է քնել։ Ո՛չ, սըր, այդ դեպքում ինձ լորտուներ տվեք, եթե անպայման անհրաժեշտ են, բայց առնետ պետք չէ։ Ես դրանց կարիքը չունեմ։
 
― Բայց, Ջիմ, այդպես չի լինի։ Բոլորի մոտ էլ առնետներ են լինում։ Չեմուչեմ չանես։ Բանտարկյալները երբեք առանց առնետների չեն լինում։ Այդպիսի օրինակ չկա։ Եվ նրանք վարժեցնում են առնետներին, գուրգուրում են նրանց, սովորեցնում են աճապարություն։ Առնետները նույնքան ընկերասեր են դառնում, որքան ճանճերը։ Բայց դու էլ պարտավոր ես նրանց համար նվագել։ Որևէ գործիք ունե՞ս։
 
― Ես ոչինչ չունեմ, բացի մի կոպիտ սանրից, մի կտոր թղթից ու շրթհարմոնից։
 
― Ոչինչ, բավական է, նրանց համար նշանակություն չունի, թե ինչ տեսակի երաժշտություն է։ Առնետի համար շրթհարմոնը միանգամայն բավական է։ Բոլոր կենդանիները սիրում են երաժշտություն, իսկ բանտում ավելի շատ, հատկապես տխուր երաժշտություն։ Իսկ շրթհարմոնից երբեք ուրիշ ձայն դուրս չի գա։ Դա միշտ հետաքրքիր է նրանց համար։ Դուրս են գալիս տեսնելու, թե ինչ ես անում։ Այո, ամեն ինչ կարգին է, ամեն ինչ տեղին է։ Դու ամեն երեկո քնելուց առաջ, ինչպես և վաղ առավոտյան, պետք է նստես անկողմնուդ և նվագես։ Նվագելու ես «Վերջին կապը կտրված է»։ Այդ եղանակն առնետին ավելի դուր կգա, քան որևէ այլ բան։ Եվ երբ մեկ֊երկու րոպե նվագես, կտեսնես, որ բոլոր առնետները, օձերը, սարդերը և այլ արարածներ կհուզվեն, կհավաքվեն քո շուրջը։ Նրանք բոլորը կմագլցեն քեզ վրա և կուրախանան։
 
― Այո, կուրախանան, միստր Թոմ, իսկ ինչպե՞ս ուրախանա Ջիմը։ Անիծվեմ, թե ես կարողանամ տեսնել այդ բանը։ Բայց ես կանեմ, եթե պետք է։ Կարծում եմ, որ ավելի լավ է կենդանիներին զվարճացնեմ, քան թե իրարից նեղանանք։
 
Թոմը կանգ առավ այդ հարցի մասին նորից մտածելու և տեսնելու, թե ուրիշ բան չկա՞ անելու։ Շուտով նա ասաց․
 
― Օ՜, մի բան մոռացել եմ։ Կարո՞ղ ես այստեղ ծաղիկ աճեցնել, ի՞նչ ես կարծում։
 
― Չգիտեմ, գուցե կարողանամ, միստր Թոմ, բայց այստեղ շատ մութ է, և ես էլ սովոր չեմ ծաղիկներ խնամելու։ Բացի այդ, դա մեծ նեղություն կլինի։
 
― Համենայն դեպս, փորձիր։ Ուրիշ բանտարկյալներ նման բան արել են։
 
― Գուցե շան պոչի նման խռնդատն աճի այստեղ, միստր Թոմ, բայց դա իր պատճառած նեղության կեսն էլ չարժե։
 
― Դու այդ մասին մի՛ մտածիր։ Մենք մի փոքր ծաղիկ կբերենք, կտնկես անկյունում և կաճեցնես։ Բացի այդ, դու ծաղիկը կանվանես ոչ թե խանդոտ, այլ «պիչչիոլա»։<ref>Պիչչիոլա ― իտալերեն՝ ցողուն, ծաղիկ։</ref> Դրա իսկական անունն այդ է, երբ աճում է բանտում։ Պետք է արցունքներով ջրես։
 
― Ինչո՞ւ, միստր Թոմ, ես աղբյուրի ջուր շատ ունեմ։
 
― Դու չպիտի ցանկանաս աղբյուրի ջրով ջրել, պիտի արցունքներով ջրես։ Բանտարկյալները միշտ այդպես են անում։
 
― Ինչո՞ւ, միստր Թոմ, խռնդատի ցողունը ես կարող եմ աղբյուրի ջրով լավ աճեցնել, իսկ մի ուրիշը՝ արցունքով։
 
― Հարցն այդ չէ։ Դու պարտավոր ես արցունքով աճեցնել։
 
― Բայց դա կչորանա, միստր Թոմ, անպայման կչորանա, որովհետև ես շատ հազվադեպ եմ լաց լինում։
 
Թոմն այստեղ կանգ առավ։ Մտածեց, մտածեց և ասաց, որ Ջիմը արտասվելու համար պետք է սոխ գործածի։ Նա խոստացավ առավոտյան գնալ նեգրերի հյուղակները և թաքուն մի սոխ գցել Ջիմի սրճամանի մեջ։ Ջիմն ասաց, որ ավելի լավ է ծխախոտ լցնի սրճամանի մեջ։ Նա գտնում էր, որ սխալ բաներ ենք անում, և ինքը ձանձրացել է այդ բոլորից՝ և՛ բույս աճեցնել, և՛ առնետների համար նվագել, և՛ օձեր ու սարդեր փաղաքշել։ Այդ բոլորից բացի, նա պետք է գրչով մակագրություններ աներ, օրագիր պահեր և նման բաներ։ Նա ասաց, որ առանց այդ էլ, բանտարկյալ լինելը տաժանակիր գործ է, ավելի վատ, քան մինչև այժմ իր կատարած որևէ գործ, և դեռ պետք է այդ բոլորի համար պատասխանատու լինել։ Թոմը համբերությունը կորցրեց և ասաց, որ ինքը՝ Ջիմը հռչակ ձեռք բերելու ավելի մեծ հնարավորություններ ունի, քան աշխարհում որևէ այլ բանտարկյալ։ Ջիմը դա չի գնահատում, և ամեն ինչ կորչում է։ Ջիմը զղջաց իր տրտունջի համար և ասաց, որ նման բան այլևս չի անի։ Դրանից հետո Թոմն ու ես գնացինք քնելու։
 
 
==Գլուխ երեսունիններորդ==
 
 
Առավոտյան գնացինք գյուղ, գնեցինք մետաղալարից պատրաստած թակարդ, բերինք տուն։ Ներքնահարկում բաց արինք ամենամեծ բույնը և մոտ մեկ ժամում բռնեցինք տասնհինգ ընտիր առնետ։ Դրանք տարանք ու թաքցրինք ապահով մի տեղ՝ մորաքույր Սալլիի մահճակալի տակ։ Մինչ մենք գնացել էինք սարդեր հավաքելու, փոքրիկ Թոմաս Ֆրանկլին Ջեֆերսոն Ալեքսանդր Ֆելփսը գտել էր վանդակը և բաց արել դուռը, որպեսզի տեսներ, թե առնետները դուրս կգա՞ն։ Առնետները դուրս էին եկել։ Երբ մենք վերադարձանք, մորաքույր Սալլին կանգնել էր մահճակալի վրա և ամբողջ ուժով ճչում էր։ Իսկ առնետներն ամեն ինչ անում էին նրա աշխուժությունը չնվազեցնելու համար։ Նա ընկուզենու փայտով լավ ծեծեց մեզ, իսկ մենք երկու ժամ կորցրինք, մինչև նորից բռնեցինք տասնհինգ֊տասնվեց հատ։ Անիծվի այդ անտանելի լակոտը․ ամեն բանի խառնվում է։ Վերջին առնետները բանի նման չէին։ Առաջին անգամ բռնել էինք ամենաընտիրները։ Դրանց նման առնետներ երբեք չեմ տեսել։
 
Մենք ձեռք բերինք ընտիր սարդերի, բզեզների, գորտերի, թրթուրների և այլ միջատների հիանալի մի հավաքածու։ Փորձեցինք ձեռք բերել և պիծակների բույն, բայց չկարողացանք․ ներսում էին։ Հեշտությամբ ձեռք չքաշեցինք դրանից։ Երկար ժամանակ սպասեցինք, որ հոգնեցնենք, դուրս վռնդենք բնից, բայց նրանք մեզ վռնդեցին։ Անուշադրի սպիրտով շփեցինք կծած տեղերը, ցավը բավական մեղմացավ, բայց երկար ժամանակ հանգիստ նստել չէինք կարող։ Այնուհետև գնացինք օձ ճարելու։ Բռնեցինք մոտ տասնյակ լորտու և օձակերպ մողես, դրինք պարկի մեջ ու թաքցրինք սենյակում։ Արդեն ընթրիքի ժամանակ էր, և մենք բարեխղճորեն կատարել էինք մի լավ օրվա աշխատանք։ Գուցե քաղց էինք զգում, բայց ոչ, այդ մասին չխոսենք։ Կարևորն այն է, որ երբ վերադարձանք, ոչ մի օրհնված օձ պարկի մեջ չէր մնացել։ Պարկի բերանը լավ չէինք կապել, և նրանք դուրս էին սողացել ու ցրվել։ Բայց դա մեզ շատ չանհանգստացրեց․ պետք է որ մոտերքում լինեին։ Հույս ունեինք, որ գոնե մի քանիսին նորից կբռնենք։ Եվ, իրոք, երկար ժամանակ տան ներսում ու շրջակայքում դրանք չէին պակասում։ Հաճախ կարելի էր տեսնել, թե ինչպես առաստաղից կամ մի տեղից կախվում էին ցած, ընկնում ափսեիդ մեջ, վզիդ և մեծ մասամբ այնպիսի տեղ, որ ցանկալի չէր։
 
Այդ օձերը գեղեցիկ էին, երիզավոր և եթե մեկ միլիոն էլ լինեին, ոչ ոքի վնաս չէին տա։ Բայց մորաքույր Սալլիի համար դա ոչ մի նշանակություն չուներ։ Նա օձերին ատում էր, ինչ տեսակի էլ որ լինեին, և ինչ էլ անեինք, դրանց տանել չէր կարող։ Ամեն անգամ, երբ օձն ընկնում էր նրա վրա, գործը թողած վեր էր թռչում։ Ես այդպիսի կին երբեք չեմ տեսել։ Այնպես էր գոռում, որ ձայնը կարելի էր լսել Երիկոնում։ Ոչ մի կերպ հնարավոր չէր ստիպել նրան, որ օձ բռնի, թեկուզ ունելիով։ Իսկ եթե շուռ գար ու մի օձ տեսներ անկողնում, այնպես կճչար, որ մարդիկ կկարծեին, թե տունը հրդեհ է ընկել։ Նա այնքան անհանգստացրեց ծերուկին, որ խեղճ մարդն ասաց․ «Երանի՜ աստված օձ չստեղծեր»։ Թեև վերջին օձն էլ արդեն հեռացել էր և մեկ շաբաթ էր անցել, բայց մորաքույր Սալլին դեռ չէր հանգստանում։ Միտք էլ չուներ հանգստանալու։ Երբ մտքերով տարված նստած էր լինում և մեկը վզին փետուր էր քսում, նա վեր էր թռչում։ Նման պահերին հետաքրքիր էր նայելը։ Թոմն ասում էր, որ բոլոր կանայք այդպես են։ Ասում էր, որ դրանք այդպես են ստեղծված։ Թե ինչո՛ւ, չես կարող իմանալ։
 
Ամեն անգամ, երբ մեր օձերը մորաքույր Սալլիի աչքովն էին ընկնում, ծեծ էինք ուտում։ Նա ասում էր, որ դա ոչինչ է՝ համեմատած այն պատիժների հետ, որ կտա մեզ, եթե մեկ էլ տունը լցնենք օձերով։ Այդ ծեծերի համար ես շատ չէի մտահոգվում․ դրանք մի բան չէին։ Ես մտածում էի, թե որքա՞ն պիտի տանջվենք մինչև նորից հավաքենք։ Բայց մենք հավաքեցինք դրանք էլ, ուրիշ կենդանիներ էլ։ Դուք երբեք տեսած չեք լինի մի տնակ, որտեղ այնքան աշխուժություն լիներ, ինչպես Ջիմի խցիկում, երբ այդ էակները խռնվում էին երաժշտության համար և վխտում նրա շուրջը։ Ջիմը սարդեր չէր սիրում, սարդերն էլ նրան չէին սիրում։ Սարդերն ամեն կողմից նեղացնում, բարկացնում էին նրան։ Ջիմն ասում էր, որ ջրաղացքարի, առնետների ու օձերի պատճառով այլևս տեղ չկա մահճակալի համար, իսկ եթե լինի էլ, այդ խառնաշփոթության մեջ հազիվ թե հնարավոր լինի քնել։ Այդ աշխուժությունը բոլորովին չէր պակասում, որովհետև երբեք բոլորը միաժամանակ չեն քնում։ Երբ օձերը քնած են, առնետներն են արթուն, երբ առնետներն են քնում, օձերն են արթուն։ Այնպես որ միշտ խառնիճաղանջ մի խումբ լինում է կողքին և թույլ չի տալիս ազատ պառկել, իսկ մյուսները նրա վրա ձիարշավի են դուրս գալիս, ինչպես կրկեսում։ Եվ երբ ինքը վեր է կենում մի նոր տեղ գտնելու, սարդերն են սկսում։ Ասում էր, որ եթե ինքը դուրս գա այստեղից, այլևս բանտարկյալ չի դառնա, թեկուզ բարձր աշխատավարձ տան։
 
Երեք շաբաթ անց ամեն ինչ կարգին էր։ Շապիկը, կարկանդակի մեջ դրած, վաղուց էինք տեղ հասցրել։ Եվ ամեն անգամ, երբ առնետը կծում էր Ջիմին, Ջիմը վեր էր կենում և իր օրագրում մի տող ավելացնում, քանի դեռ թանաքը չէր չորացել։ Գրիչները պատրաստել էինք, մակագրությունները փորագրել ջրաղաց քարի վրա, մահճակալի ոտքը սղոցել, երկու մասի էինք բաժանել, թեփը կերել էինք, բայց դա այնպես ցավեցրեց մեր ստամոքսը, որ կարծում էինք, թե կմեռնենք։ Լավ է, ոչինչ չեղավ։ Կյանքումս ավելի անմարսելի սղոցաթեփ չէի տեսել։ Նույն բանն ասաց և Թոմը։ Բայց, ինչպես ասացի, այժմ վերջապես բոլոր գործերը կատարված էին։ Մենք, իհարկե, դրա համար շատ տանջվեցինք, հատկապես՝ Ջիմը։
 
Ծերունին երկու անգամ նամակ էր ուղարկել Օռլեանի մոտերքում գտնվող մի պլանտացիա, որպեսզի գան, տանեն իրենց փախած նեգրին։ Բայց ոչ մի պատասխան չէր ստացել․ այդպիսի պլանտացիա գոյություն չուներ։ Նա որոշեց Ջիմի մասին Սեն Լուիի և Նոր Օռլեանի թերթերում հայտարարություն տալ։ Երբ նա հիշատակեց Սեն Լուիի թերթերի մասին, սառը դող անցավ մարմնովս։ Տեսա, որ ժամանակ չունենք կորցնելու։ Թոմն ասաց, որ արդեն անանուն նամակներ գրելու ժամանակն է։
 
― Դա ի՞նչ բան է, ― հարցրի ես։
 
― Զգուշացնել մարդկանց, թե ինչ֊որ փորձանք է գալու։ Տարբեր ձևեր կան։ Ինչ որ է, միշտ մեկը հետևում է հանցագործին և տեղեկացնում ամրոցի պետին։ Երբ Լյուդովիկոս XVI֊ը պատրաստվում էր փախչել Տյուիլրիից, այդ մասին տեղեկացրեց մի աղախին։ Դա շատ լավ միջոց է։ Անանուն նամակները նույնպես վատ չեն։ Մենք այդ երկու միջոցներն էլ կօգտագործենք։ Սովորաբար բանտարկյալի մայրը որդու հետ փոխում է շորերը և ինքը մնում է նրա տեղը, իսկ բանտարկյալը փախչում է մոր շորերով։ Մենք այդ էլ կանենք։
 
― Բայց լսիր, Թոմ, ի՞նչ կարիք կա նախազգուշացնել մարդկանց, թե դավադրություն պիտի լինի։ Թող իրենք իմանան․ դա արդեն նրանց գործն է։
 
― Այո, գիտեմ։ Բայց չի կարելի վստահ լինել, թե նրանք կհսկեն։ Հենց սկզբից նրանք մեզ լրիվ ազատ թողեցին, թույլ տվին, որ ամեն ինչ անենք։ Նրանք այնքան վստահում են մարդկանց և այնպես միամիտ են, որ ոչ մի բան չեն նկատի։ Եթե մենք նրանց չնախազգուշացնենք, ապա ոչ մի մարդ կամ միջոց չի լինի, որը խանգարի մեզ, և մեր այս ամբողջ ծանր աշխատանքից ու նեղությունից հետո այս փախուստը տեղի կունենա շատ հարթ ձևով, զրոյի հավասար, աննպատակ։
 
― Լավ, ինչ վերաբերում է ինձ, Թոմ, իմ ուզածն էլ հենց այդ է։
 
― Դատարկ բան, ― ասաց նա դժգոհ։
 
― Բայց ես չեմ տրտնջում, Թոմ։ Ինչ ձև էլ որ հարմար գտնես, միևնույն է։ Իսկ աղախինի համար ի՞նչ ես անելու։
 
― Նրա դերը դու կտանես։ Կեսգիշերին ներս կմտնես և կթռցնես խառնածինի զգեստը։
 
― Բայց, Թոմ, առավոտյան նա մեծ աղմուկ կբարձրացնի, որովհետև նա հավանորեն միայն մի զգեստ ունի։
 
― Գիտեմ, բայց քեզ այդ զգեստը միայն տասնհինգ րոպե է պետք, մինչև անանուն նամակը տանես դռան տակը դնես։
 
― Լավ, կանեմ, բայց ես կարող եմ այդ գործը նույնքան հաջող կատարել և իմ հագուստներով։
 
― Բայց այդ դեպքում դու չես նմանվի աղախնի, չէ՞։
 
― Ոչ, սակայն ոչ ոք չի լինի այնտեղ, որպեսզի տեսնի, թե ինչի եմ նման։
 
― Դա գործի հետ կապ չունի։ Մենք պետք է մեր պարտականությունը ճշտությամբ կատարենք և չմտահոգվենք՝ մեզ կտեսնե՞ն, թե՞ ոչ։ Մի՞թե դու սկզբունքից զուրկ ես։
 
― Լավ, ոչինչ չեմ ասում։ Ես կլինեմ աղախին։ Իսկ ո՞վ է Ջիմի մայրը։
 
― Մայրն էլ ես կլինեմ։ Ես էլ մորաքույր Սալլիի զգեստը կգողանամ։
 
― Ուրեմն՝ դու մնալու ես հյուղակո՞ւմ, երբ ես ու Ջիմը գնանք։
 
― Երկար չեմ մնա։ Ջիմի շորերը կլցնեմ ծղոտով, կդնեմ նրա մահճակալի վրա և կերևակայեմ, թե դա նրա ծպտված մայրն է։ Իսկ Ջիմը կհագնի իմ տված կանացի զգեստը, և մենք բոլորս միասին կփախչենք։ Երբ մի ազնիվ բանտարկյալ է փախչում, ասում են «խույս տվեց»։ Միշտ այդպես են ասում, երբ, օրինակի համար, թագավոր է փախչում։ Նույնը վերաբերում է և թագավորի որդուն (նշանակություն չունի օրինական որդի՞ է, թե ոչ)։
 
Թոմը գրեց անանուն նամակը, ես գիշերը թռցրի խառնածինի զգեստը, հագա, և նամակը դրեցի դռան տակ, ինչպես ասել էր Թոմը։ Նամակում գրված էր․
 
«Զգուշացեք, ձեզ վտանգ է սպառնում։ Եղեք աչալուրջ։
 
:::::::::::::::::Անհայտ բարեկամ»։
 
Հաջորդ գիշերը ճակատի դռանը մի նկար փակցրինք, որը Թոմը նկարել էր արյամբ։ Դա ներկայացնում էր մի գանգ և խաչաձևած ոսկորներ։ Երրորդ գիշերը փակցրինք մի դագաղ՝ ետևի դռան վրա։ Ես երբեք չեմ տեսել մի ընտանիք, որն այդ աստիճան սարսափահար լիներ։ Ավելի չէին ահաբեկվի, եթե տունը լցված լիներ ուրվականնեով, որոնք պառկած լինեին ամեն մի իրի ետևում, մահճակալների տակ և օրորվեին օդում։ Երբ դուռն էին ծեծում, մորաքույր Սալլին վեր էր թռչում ու հառաչում՝ «ո՜ւհ»։ Երբ մի բան վայր էր ընկնում, նույնպես վեր էր թռչում ու հառաչում։ Եթե պատահմամբ դիպչեին նրան, և նա չնկատեր, թե ով է, նույն աղաղակն էր լսվում։ Նա ոչ մի կերպ չէր կարողանում մի բանի ուղիղ նայել ու գոհ մնալ, որովհետև միշտ թվում էր, թե իր ետևում մի բան կա։ Միշտ անսպասելիորեն պտույտ էր գալիս ու բացականչում՝ «ո՜ւհ»։ Պտույտի երկու երրորդը դեռ չկատարած՝ ետ էր դառնում ու կրկնում նույն բացականչությունը։ Նա վախենում էր անկողին մտնել, ամբողջ գիշերը նստել ու սպասել նույնպես չէր կարողանում։ Այնպես որ գործը լավ էր գնում, ասում էր Թոմը։ Նա ասում էր, որ ինքը երբևէ չի տեսել մի բան, որն ավելի գոհացուցիչ արդյունք տար, և այդ ցույց էր տալիս, որ ամեն ինչ ճիշտ է կատարված։
 
Այժմ, Թոմի կարծիքով, գլխավոր հարվածի ժամանակն է։
 
Հաջորդ առավոտյան, երբ նոր էր լույսը բացվել, մի այլ նամակ պատրաստեցինք, բայց չգիտեինք, թե ինչպես տեղ հասցնենք։ Ընթրիքի ժամանակ լսեցինք, որ ամբողջ գիշերը յուրաքանչյուր դռան առջև մի նեգր է հսկելու։ Թոմը շանթարգելով ցած սողաց շրջակայքը լրտեսելու և տեսավ, որ ետևի դռան մոտ կանգնած նեգրը քնած է։ Նամակը նրա օձիքը խցկեց ու վերադարձավ։ Նամակում գրված էր․
 
«Ինձ մի՛ մատնեք․ ես ձեր բարեկամն եմ։ Այս գիշեր հնդկացիների կողմերից եկած մարդասպանների կատաղի մի խումբ պատրաստվում է գողանալ ձեր փախած նեգրին։ Նրանք փորձում են ահաբեկել ձեզ, որպեսզի դուք տանը մնաք և նրանց նեղություն չտաք։ Ես այդ խմբի անդամներից մեկն եմ, բայց կրոնական դաստիարակություն եմ ստացել․ ուզում եմ թողնել ավազակությունը և նորից վարել ազնիվ կյանք։ Ահա և հայտնում եմ նրանց դժոխային ծրագրերը։ Նրանք ցած կսողոսկեն հյուսիսային կողմից, ցանկապատի երկարությամբ, ուղիղ կեսգիշերին։ Ունեն հարմար բանալի․ կգնան նեգրի հյուղակը և նրան կտանեն։ Ես մի փոքր հեռու եմ կանգնելու և վտանգի դեպքում փող եմ փչելու։ Բայց դրա փոխարեն ոչխարի պես կմայեմ, հենց որ նրանք ներս մտնեն, և երբեք փող չեմ փչի։ Երբ նրանք կսկսեն շղթան քանդել, դուք թաքուն մոտեցեք։ Դուռը նրանց վրա կողպեք, որից հետո կարող եք նույնիսկ սպանել նրանց, եթե ցանկանաք։ Ոչինչ չձեռնարկեք, բացի այն միջոցներից, որ ես եմ ասում, այլապես նրանք կկասկածեն ինչ֊որ բանի վրա և աղմուկ կբարձրացնեն։ Ոչ մի հատուցում չեմ պահանջում։ Բավական է այն, որ վարմունքս ազնիվ է։
 
:::::::Անհայտ բարեկամ»։
 
 
==Գլուխ քառասուներորդ==
 
 
Նախաճաշից հետո մեզ շատ լավ էինք զգում։ Վերցնելով իմ նավակը, գնացինք ձուկ որսալու, մեզ հետ վերցրինք նաև ուտելիք և լավ ժամանակ անցկացրինք։ Գնացինք տեսնելու իմ լաստը և այն գտանք շատ լավ վիճակում։ Տուն վերադարձանք երեկոյան, ընթրիքի ժամանակ։ Տնեցիներն այնպես մտատանջ ու հուզված վիճակում էին, որ չգիտեին ինչ անել։ Երբ ընթրիքը վերջացրինք, մեզ անմիջապես ուղարկեցին քնելու և չուզեցին ասել, թե ինչ փորձանքի մեջ են ընկել։ Ոչ մի բառ չասացին նոր նամակի մասին։ Ասենք, դա մեզ պետք էլ չէր․ մենք դրան նույնքան էինք տեղյակ, որքան իրենք։ Հենց որ աստիճանների կեսը բարձրացանք, և մորաքույրը շուռ եկավ գնալու, մենք մտանք մառանը, մոտեցանք պահարանին, մեր գրպանները լցրինք ուտելիքներով ու պառկեցինք մահճակալների վրա։ Վեր կացանք ժամը տասնմեկնանց կեսին։ Թոմը հագավ մորաքույր Սալլիի զգեստը, որ գողացել էր, և մենք արդեն պատրաստ էինք ուտելիքներով իջնել ներքև։
 
― Որտե՞ղ է կարագը, ― հանկարծ հարցրեց նա։
 
― Ես մի ամբողջ կտոր հանեցի ու դրեցի եգիպտացորենի հացի վրա, ― պատասխանեցի ես։
 
― Ուրեմն՝ այնտեղ ես թողել, այստեղ չկա։
 
― Մենք առանց կարագի էլ յոլա կգնանք, ― ասացի ես։
 
― Իսկ կարագով ավելի լավ յոլա կգնանք, ― ասաց նա, ― վազիր մառանը և բեր։ Հետո իջիր շանթարգելով ու եկ ինձ մոտ։ Ես գնում եմ Ջիմի շորերը ծղոտով լցնելու, իբր թե դա նրա ծպտված մայրն է։ Ես պատրաստ կսպասեմ, և հենց որ երևաս, ոչխարի նման կմայեմ։
 
Այսպիսով նա դուրս գնաց, իսկ ես իջա մառանը։ Կարագի բռնցքաչափ կտորն ընկած էր այնտեղ, ուր թողել էի։ Եգիպտացորենի հացի շերտի հետ դա վերցրի, մոմը հանգցրի և գողեգող բարձրացա վերև։ Բարեհաջող տեղ հասա, բայց ահա երևաց մորաքույր Սալլին՝ մոմը ձեռքին։ Ես կարագն ու հացը արագ թաքցրի գլխարկիս մեջ և դրի գլխիս։ Հաջորդ վայրկյանին նա ինձ նկատեց․
 
― Մառանո՞ւմ էիր։
 
― Այո, տիկին։
 
― Ի՞նչ էիր անում։
 
― Ոչինչ։
 
― Ոչի՞նչ։
 
― Այո, ոչինչ։
 
― Խելքիդ ի՞նչ փչեց գիշերվա այս ժամին մտնել այնտեղ։
 
― Չգիտեմ, տիկին։
 
― Չգիտե՞ս։ Ինձ այդպես մի՛ պատասխանիր, Թոմ, ուզում եմ իմանալ, թե ի՛նչ էիր անում այնտեղ։
 
― Ոչ մի բան չէի անում, մորաքույր Սալլի, աստված վկա, ոչինչ չէի անում։
 
Կարծում էի, թե նա ինձ բաց կթողնի, ինչպես սովորաբար թողնում էր, բայց այժմ այդ տանն այնքան տարօրինակ բաներ էին տեղի ունենում, որ նա ամեն մի փոքրիկ բանից վախենում էր։ Ուստի չափազանց վճռական ձայնով ասաց․
 
― Գնա նախասենյակ և նստիր այնտեղ, մինչև ես գամ։ Դու ինչ֊որ բաներ ես անում, որ քեզ չեն վերաբերում։ Մինչև չիմանամ, քեզ բաց չեմ թողնի։
 
Երբ ես բաց արի նախասենյակի դուռը և ներս մտա, նա թողեց հեռացավ։ Բայց աստվա՜ծ իմ, այնտեղ հավաքվել էին տասնհինգ ագարակատերեր, և յուրաքանչյուրի ուսին հրացան կար։ Ես ուղղակի թուլացա, կուչ եկա ու նստեցի մի աթոռի վրա։ Նրանք նստել էին այս ու այն անկյունում։ Մի քանիսը երբեմն ցածրաձայն խոսում էին իրար հետ։ Բոլորն բարկացած ու անհանգիստ էին։ Թեև փորձում էին երևալ անվրդով, բայց ես գիտեի, թե ինչն ինչոց է․ շարունակ հանում էին գլխարկները, նորից դնում գլխներին, քորում գլուխները, փոխում տեղերը, քաշքշում կոճակները։ Ինքս էլ հանգիստ չէի, բայց միևնույն էր, գլխարկս հանել չէի կարող։
 
Ուզում էի, որ մորաքույր Սալլին շուտ գար և ինձ հետ հաշիվը փակեր։ Թող ծեծեր ինձ, եթե ուզում էր, միայն թե շուտ բաց թողներ, որ գնայի, Թոմին ասեի, թե մենք որքան երկար եփեցինք այս ճաշը և ինչ մեղվաբույն խառնեցինք։ Պետք է անմիջապես դադարեցնեինք այս խեղկատակությունները և փախչեինք Ջիմի հետ, նախքան այս հորձանքը, համբերությունից դուրս գալով, կխուժի մեզ վրա։
 
Վերջապես մորաքույր Սալլին եկավ և սկսեց հարցեր տալ ինձ, բայց ես չկարողացա ուղղակի պատասխանել։ Չգիտեի՝ ինչ ասեմ, որ հարմար լինի։ Մարդիկ այնպիսի անհանգիստ շարժումներ էին անում, որ մի քանիսը նույնիսկ ուզում էին իսկույն վեր կենալ և հետապնդել այդ կատաղի ավազակներին, ասելով, թե ընդամենը մի քանի րոպե է մնացել մինչև կեսգիշերը։ Մի մասն էլ ասում էր, թե պետք է համբերել, մինչև մայունով ազդանշան տրվի։ Մորաքույրն էլ ինձ էր հարցերով տանջում։ Ես դողում էի ամբողջ մարմնով և պատրաստ էի գետինը մտնել, այնքա՜ն վախեցել էի։ Սենյակը ավելի ու ավելի շոգեց, կարագն սկսեց հալչել ու հոսել վզիս վրայով ու ականջներիս ետևեով։ Շուտով, երբ այդ մարդկանցից մեկն ասաց, որ «պետք է հենց հիմա գնալ հյուղակը և սպասել ու բռնել նրանց, հենց որ ներս մտնեն», քիչ էր մնում ուշաթափվեի։ Հալված կարագի մի շիթ սկսեց ծորել իմ ճակատի վրայով։ Մորաքույր Սալլին տեսավ, սավանի պես սպիտակեց ու ասաց․
 
― Ի սե՜ր աստծո, ի՞նչ պատահեց տղային։ Երևի ուղեղի բորբոքում է․ ահա, ուղեղը դուրս է ծորում։
 
Բոլորը վազեցին տեսնելու ինձ, իսկ մորաքույրը վերցրեց գլխարկս։ Հացն ու կարագի մնացած մասը ցած ընկան։ Մորաքույրն ինձ գրկեց ասելով․― Օ՜, որ քա՜ն վախեցրիր ինձ, որքա՜ն ուրախ եմ, որ վատ բան չկա։ Առանց այն էլ գործերս ձախ են գնում։ Մեկ էլ տեսար՝ մի նոր փորձանք եկավ։ Հենց որ նայեցի քեզ, մտածեցի, թե կորած ես։ Գույնիցդ և ամեն ինչից ենթադրեցի, թե ուղեղդ է․․․ Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ չասացիր, որ դրա համար ես մառան գնացել․ ես քեզ ոչինչ չէի ասի։ Դե՛, փախի՛ր, գնա քնիր․ մինչև առավոտ քեզ չտեսնեմ։
 
Մի վայրկյանում արդեն վերևի հարկում էի։ Հաջորդ վայրկյանին շանթարգելով իջա ներքև և մթության մեջ սլացա դեպի կից հյուղակը։ Հազիվ էի կարողանում խոսել, այնքան հուզված էի։ Բայց կարողացածիս չափ արագ ասացի Թոմին, որ պետք է հեռանանք և ոչ մի րոպե կորցնել չի կարելի, տունը լցված է մարդկանցով և բոլորը հրացան ունեն։
 
Նրա աչքերը շողացին, և նա ասաց․
 
― Ո՛չ, մի՞թե այդպես է։ Հիանալի՜ է։ Եթե ես ստիպված լինեի ամեն ինչ նորից սկսել, գրազ կգամ, որ երկու հարյուր մարդ հավաքել կտայի։ Եթե կարողանայինք հետաձգել մինչև․․․
 
― Շտապի՛ր, շտապի՛ր, ― ասացի ես, ― ո՞ւր է Ջիմը։
 
― Ահա, կողքիդ է․ ձեռքդ պարզես, նրան կդիպչի։ Նա հագնվել է և ամեն ինչ պատրաստ է։ Այժմ պիտի ծլկենք և ես մայունի ազդանշան կտամ։
 
Բայց շուտով լսեցինք դռանը մոտեցող ոտնաձայներ, լսեցինք, թե ինչպես են կողպեքը այս ու այն կողմ շուռ տալիս։ Նրանցից մեկն ասաց․
 
― Ես ձեզ ասում էի, թե դեռ շուտ է, նրանք դեռ եկած չեն լինի․ դուռը փակ է։ Սպասեցեք, ես ձեզանից մի քանիսին կփակեմ հյուղակում, դուք թաքնվեք մթության մեջ․ կսպանեք նրանց, երբ գան։ Մնացածներդ ցրվեք մոտակայքում և ուշադիր հետևեք նրանց գալուն։
 
Նրանք մտան ներս, բայց մեզ տեսնել չէին կարող, մութ էր։ Մինչ մենք շտապում էինք մահճակալի տակ մտնել, նրանք այնքան մոտեցան, որ քիչ էր մնում տրորեին մեզ։ Բայց մենք հաջող կերպով սողացինք անցքի մեջ՝ արագ, բայց անաղմուկ, սկզբում Ջիմը, հետո ես և վերջում Թոմը։ Դա կատարվեց համաձայն Թոմի կարգադրության։ Այժմ մենք կից հյուղակում էինք և լսում էինք մոտիկից եկող ոտնաձայներ։ Սողացինք դեպի դուռը, Թոմն այնտեղ կանգնեցրեց մեզ և դռան ճեղքից նայեց դուրս, բայց ոչինչ չտեսավ, որովհետև մութ էր։ Նա շշուկով ասաց, թե պետք է ականջ դնի այնքան, մինչև ոտնաձայները հեռանան, և երբ արմունկով մեզ հրի, Ջիմը պետք է ամենից առաջ դուրս գա, իսկ ինքը ամենից վերջը։ Ականջը ճեղքին դրած՝լսեց։ Ամբողջ ժամանակ դրսում ոտնաձայները չէին դադարում։ Վերջապես նա արմունկով հրեց, և մենք դուրս թռանք։ Կուչ եկած և շնչներս պահած՝ գաղտագողի սահեցինք դեպի ցանկապատն ու տեղ հասանք բարեհաջող կերպով։ Ես ու Ջիմն արդեն բարձրացել էինք պատի վրա, բայց Թոմի անդրավարտիքը դեմ առավ ցանկապատի վերին ձողին։ Լսեցինք մեզ մոտեցող ոտնաձայն։ Թոմն ստիպված քաշեց անդրավարտիքը։ Ձողը ջարդվեց, և ճռռոց լսվեց։ Երբ Թոմն արդեն թռել էր ցած և հետևում էր մեզ, մեկը կանչեց․
 
― Այդ ո՞վ է։ Պատասխանիր, թե չէ կկրակեմ։
 
Բայց մենք չպատասխանեցինք և ամբողջ ուժով փախանք։ Ամբողջ բազմությունը ընկավ մեր ետևից․․․ Բո՜ւմ․․․ բո՜ւմ․․․ բո՜ւմ․․․ Գնդակները վզզալով սուրում էին մեր շուրջը։ Մենք լսում էինք մարդկանց գոռոցները։
 
― Ահա, այստեղ են, փախչում են դեպի գետը։ Նրանց ետևի՜ց, տղե՛րք, բա՛ց թողեք շները։
 
Նրանք ամբողջ թափով ընկան մեր ետևից։ Լսում էինք ոտքերի դոփյուն և գոռոցներ։ Բայց մենք ո՛չ կոշիկներ ունեինք մեր ոտքերին, ո՛լ էլ ձայն էինք հանում։ Մենք բռնեցինք սղոցարան տանող ճանապարհը։ Երբ նրանք բավական մոտեցան մեզ, թաքնվեցինք մացառների մեջ և թողեցինք, որ առաջ անցնեն։ Հետո վազեցինք նրանց ետևից։ Սկզբում նրանք բոլոր շները կապել էին, որպեսզի ավազակներին չվախեցնեն։ Բայց այժմ ինչ֊որ մեկն արձակել էր, և դրանք վազում էին ամբոխի ետևից ու այնպես էին հաչում, կարծեք մեկ միլիոն շուն կար։ Բայց դրանք մեր շներն էին, և մենք կանգ առանք ճանապարհին, մինչև հասան մեզ։ Երբ տեսան, որ միայն մենք ենք, և իրենց հուզմունք պատճառող բան չկա, բարեկամաբար շարժեցին պոչերն ու շարունակեցին ճանապարհը դեպի գոռոցն ու ճիչը։ Մենք նորից առաջ շարժվեցինք, մինչև հասանք սղոցարանի մոտերքը, ապա շուռ եկանք և թփուտների միջով հասանք այնտեղ, ուր թաքցրել էի մակույկս։ Արագ ներս ցատկեցինք և ամբողջ ուժով թիավարեցինք դեպի գետի մեջտեղը։ Դարձյալ ոչ մի ձայն չէինք հանում։ Հանգիստ շուռ եկանք դեպի այն կղզին, ուր թաքցրել էի իմ լաստը։ Երկար ժամանակ լսվում էր շների հաչոցը, որոնք գետափի երկարությամբ վեր֊վար էին վազում։ Շուտով այնքան հեռացանք, որ ձայները նվազեցին ու լռեցին։ Երբ ոտք դրինք լաստի վրա, ես ասացի․
 
― Այժմ, ծերունի Ջիմ, դու նորից ազատ մարդ ես, և այլևս ստրուկ չես լինի։
 
― Եվ որքա՜ն լավ էր սարքված, Հեք․ գեղեցիկ էր ծրագրված, գեղեցիկ էլ իրագործվեց։ Ոչ ոք չի կարող այդպիսի ծրագիր կազմել, որ այդքան բարդ լինի և այդպես փառավոր իրագործվի, ինչպես այս մեկը։
 
Մենք բոլորս շատ ուրախ էինք, բայց ամենից շատ Թոմն էր ուրախացել, որովհետև մի գնդակ խրվել էր նրա ծնկից ներքև, փափուկ մսի մեջ։ Երբ ես ու Ջիմը լսեցինք այդ, մեր ցնծությունը նվազեց։ Վերքը բավական նեղացնում էր նրան և արյուն էր հոսում։ Նրան պառկեցրինք լաստի տաղավարում և պատռեցինք դքսի շապիկներից մեկը վերքը կապելու համար։ Բայց Թոմն ասաց․
 
― Լաթի կտոր տվեք։ Ես ինքս կկապեմ։ Կանգ մի՛ առեք։ Իզուր ժամանակ մի՛ կորցրեք։ Փախուստը կատարվում է այսքա՜ն գեղեցիկ։ Լաստն արձակեք և ուժ տվեք թիերին։ Տղերք, մենք այս գործը հիանալի՜ գլուխ բերինք, հիանալի՜։ Ես կուզեի, որ Լյուդովիկոս XVI֊ը մեր ձեռքն ընկներ։ Այդ դեպքում նրա կենսագրության մեջ չէին գրի․ «Սուրբ Լյուդովիկոսի որդին երկինք համբարձվեց»։ Ո՛չ սըր, մենք նրան արտասահման կուղարկեինք։ Ահա թե ինչ կանեինք, և այն էլ ինչ ճարպկությամբ։ Ո՛ւժ տվեք թիերին, ո՛ւժ տվեք։
 
Բայց Ջիմն ու ես խորհրդակցում էինք ու մտածում։ Մեկ րոպե մտածելուց հետո ես ասացի․
 
― Խոսիր, Ջիմ։
 
Նա ասաց․
 
― Ասեմ, թե ինչ եմ մտածում, Հեք։ Եթե ազատվողը Թոմը լիներ, և մեզանից մեկը վիրավորված, մի՞թե նա կասեր, «Շարունակեք և փրկեցեք ինձ, վիրավորվածին փրկելու համար բժիշկ կանչելու կարիք չկա»։ Մի՞թե դա նման կլինի միստր Թոմ Սոյերին։ Այդպիսի բան նա կասե՞ր։ Կարող եմ գրազ գալ, որ չէր ասի։ Ուրեմն՝ Ջիմը կասի՞։ Ոչ, սըր, ես ոչ մի քայլ չեմ անի, մինչև այստեղ բժիշկ չգա, թեկուզ քառասուն տարի անցնի։
 
Ես գիտեի, որ նա հոգով սպիտակամորթ է և սպասում էի, որ կասի այն, ինչ ասաց։ Այժմ ամեն ինչ կարգին էր։ Ես Թոմին ասացի, որ գնում եմ բժիշկ հրավիրելու։ Նա մեծ աղմուկ բարձրացրեց, չէր համաձայնում, բայց ես ու Ջիմը համառեցինք, չուզեցինք տեղից շարժվել։ Թոմը դուրս սողաց և ինքն սկսեց լաստն արձակել։ Բայց մենք թույլ չտվեցինք։ Նա հանդիմանեց մեզ, բայց դա էլ չօգնեց։
 
Երբ տեսավ, որ ես պատրաստում եմ մակույկը, ասաց․
 
― Լավ, եթե ուզում ես անպայման գնալ, ես կասեմ, թե ինչպես ես վարվելու, երգ գյուղ հասնես։ Դուռը կփակես, բժշկի աչքերը լավ կկապես և երդվել կտաս, որ լուռ կմնա, ինչպես գերեզմանը։ Նրա ձեռքը կդնես մի քսակ ոսկի և ապա մթնով կառաջնորդես նրան խուլ նրբանցքներով։ Կբերես այստեղ նավակով և անուղղակի ճանապարհներով՝ պտտեցնելով կղզիների մեջ․ կխուզարկես, մոտից կվերցնես կավիճը և ետ չես տա, մինչև նրան նորից չվերադարձնես գյուղ, այլապես նա լաստի վրա նշան կանի և հետո կարող է նորից գտնել։ Բոլորն այդպես են անում։
 
Ես խոստացա այդպես անել ու հեռացա։ Ջիմը պետք է թաքնվեր անտառում, երբ նկատեր բժշկի գալը, և մնար այնտեղ, մինչև նա գնար։
 
 
==Գլուխ քառասունմեկերորդ==
 
 
Բժիշկը, որին ես հանեցի անկողնուց, հաճելի, բարի դեմքով մի ծերուկ էր։ Ասացի, որ ես ու եղբայրս երեկ կեսօրից հետո իսպանական կղզում որս էինք անում և գիշերելու համար իջանք մեր գտած մի լաստի բեկորի վրա։ Կեսգիշերին պետք է որ եղբայրս երազում ոտքով խփած լինի հրացանին։ Լսվեց կրակոց, և գնդակը կպավ նրա ոտքին։ Խնդրում ենք, որ բժիշկը գա, կապի վերքը և այդ մասին ոչ ոքի ոչինչ չասի, ոչ էլ այնպես անի, որ որևէ մեկն իմանա․ ուզում ենք այս երեկո վերադառնալ տուն և տնեցիներին անակնկալի բերել։
 
― Ովքե՞ր են ձեր տնեցիները, ― հարցրեց նա։
 
― Ֆելփսերը, այնտեղ, ագարակում։
 
― Օ՜, ― ասաց նա և մի րոպե հետո ավելացրեց․ ― Ասում ե ք՝ ինչպե՞ս է վիրավորվել։
 
― Երազ է տեսել, և դա է եղել վիրավորվելու պատճառը։
 
― Տարօրինակ երազ է, ― նկատեց նա։
 
Նա վառեց լապտերը, վերցրեց գործիքների պայուսակը, և ճանապարհ ընկանք։ Բայց երբ տեսավ մակույկը, դա նրան դուր չեկավ։ Ասաց, որ մի մարդու համար՝ ոչինչ։ Իսկ երկու հոգու համար ապահով չէ։ Ես ասացի․
 
― Վախենալու կարիք չկա, սըր, սրանով շատ հանգիստ նավարկել ենք երեքով։
 
― Երեքո՞վ։
 
― Դեհ, ես, Սիդը և․․․ և․․․ հրացանները։ Երրորդ ասելով նկատի ունեի հրացանները։
 
― Ա՜խ, այդպե՜ս, ― ասաց նա։
 
Նա ոտքը դրեց մակույկի եզրին, օրորեց այն և շարժեց գլուխը, ասելով, որ ինքը կաշխատի ավելի մեծը ճարել։ Բայց բոլոր նավակները շղթայով կապած ու կողպած էին։ Նա նստեց իմ մակույկը և ասաց, որ սպասեմ, մինչև ինքը վերադառնա լաստից, կամ գուցե կարողանամ ավելի մեծը ճարել, թերևս ավելի լավ է՝ գնամ տուն և տնեցիներին նախապատրաստեմ անակնկալին, եթե ուզում եմ։ Բայց ես ասացի, որ այդպես չեմ ուզում․ բացատրեցի, թե ինչպես գտնել լաստը, և նա գնաց։
 
Շուտով գլխումս մի միտք ծագեց։ Ինքս ինձ ասացի․ կարո՞ղ է Թոմի ոտքը կարգի բերել այնքան արագ, որ, ինչպես ասում են, ոչխարը երեք անգամ էլ դմակը չշարժի։ Իսկ եթե դա տևի երեք֊չորս օր, այդ դեպքում ի՞նչ ենք անելու։ Թոմն այդպես վայր է ընկնելու լաստի վրա, մինչև բժիշկը ամենուրեք տարածի՞ այդ լուրը։ Ոչ, դա անկարելի բան է։ Ես գիտեմ, թե ինչ պետք է անել։ Կսպասեմ, և երբ նա վերադառնա, ու ասի, թե ինքը մեկ էլ է այցելելու հիվանդին, այդ դեպքում ես էլ կգնամ հետը թեկուզ լող տալով։ Մենք կբռնենք նրան, կկապենք և մեզ հետ կտանենք գետով ներքև։ Երբ Թոմն այլևս նրա կարիքը չի ունենա, մենք կվճարենք և կթողնեք, որ ափ դուրս գա։
 
Ես սողացի փայտի դեզի մեջ փոքր֊ինչ քնելու։ Երբ արթնացա, արեգակը բարձրացել էր իմ գլխավերևը։ Ես վեր թռա և գնացի բժշկի տունը, բայց այնտեղ ինձ ասացին, որ նա գիշերը գնացել է հիվանդի մոտ և դեռ չի վերադարձել։ «Է՜հ, մտածեցի ես, դա ցույց է տալիս, որ Թոմի դրությունը լավ չէ։ Պետք է անմիջապես գնամ կղզին»։ Ես դուրս թռա, շուռ եկա փողոցի անկյունը, և գլուխս այնպես դիպավ հորեղբայր Սայլասի փորին, ինչպես խոյն է հարվածում։
 
― Թոմ, որտե՞ղ էիր այսքան ժամանակ, անպիտան։
 
― Ոչ մի տեղ, ― ասացի ես, ― ես ու Սիդն ընկել էինք փախստական նեգրի հետևից։
 
― Բայց որտե՞ղ էիք։ Ձեր մորաքույրը շատ անհանգիստ է, ― ասաց նա։
 
― Անհանգստանալու կարիք չկա, մենք շատ լավ ենք։ Մենք հետևում էինք մարդկանց ու շներին, բայց նրանք առաջ անցան, և մենք կորցրինք նրանց։ Մեզ թվաց, թե նրանց ձայնը լսում ենք գետի վրայից։ Մի մակույկ վարձեցինք ու հետևեցինք նրանց, անցանք գետը, բայց ոչ ոքի չգտանք։ Թիավարեցինք գետի ընթացքով վեր։ Այնքան հոգնեցինք ու ջարդվեցինք, որ մակույկը կապեցինք ու քնեցինք։ Արթնացանք միայն մեկ ժամ առաջ։ Ապա թիավարեցինք այս կողմ՝ լսելու, թե ինչ նորություն կա։ Սիդը գնաց փոստի գրասենյակը իմանալու, թե ինչ կա, ես էլ դուրս եկա, որ ուտելու բան ճարեմ։ Հետո գալու էինք տուն։
 
Գնացինք փոստի գրասենյակը «Սիդին» գտնելու, բայց, իհարկե, նա այնտեղ չէր։ Ծերունին մի նամակ ստացավ, և մենք մի փոքր սպասեցինք։ Բայց Սիդը չեկավ։ Այն ժամանակ ծերունին ասաց․ «Գնանք տուն, թող Սիդը ոտքով կամ նավակով գա, երբ կվերջացնի աննպատակ թափառելը, մենք ձիով կգնանք»։ Ես չկարողացա համոզել, որ մնամ ու սպասեմ Սիդին։ Նա ասաց, թե միտք չունի սպասել։ Պետք է իր հետ տուն գնամ, որպեսզի մորաքույր Սալլին տեսնի, որ մեզ ոչինչ չի պատահել։
 
Երբ տուն հասանք, մորաքույր Սալլին այնքան ուրախացավ, որ միաժամանակ և՛ ծիծաղում էր, և՛ արտասվում։ Նա ինձ գրկեց և մի թեթև ծեծ տվեց, որը ցավ էլ չպատճառեց։ Ասաց, որ նույնը կստանա նաև Սիդը, երբ վերադառնա։
 
Տունը լցված էր ագարակատերերով ու նրանց կանանցով։ Եկել էին ճաշի։ Ես այդպիսի աղմուկ ու շաղակրատանք կյանում երբեք չէի լսել։ Ամենավատը պառավ միսիս Հոչկինսն էր։ Այդ կնոջ լեզուն ոչ մի րոպե կանգ չէր առնում։ Նա ասում էր․
 
― Լավ, Ֆելփս քույրիկ, ես նայեցի հյուղակի բոլոր ծակուծուկը։ Իմ կարծիքով այդ նեգրը խելագար է եղել։ Այդպես էլ ասացի Դամբել քույրիկին։ Չասացի՞, Դամբել քույրիկ։ Խելագար է, այդպես էլ ասացի, հենց այդ բառերով։ Դուք բոլորդ լսեցիք, թե ինչ ասացի։ Այդ նեգրը խելագար է։ Ամեն ինչ այդ է ցույց տալիս։ Նայեցեք այդ ջրաղացքարին։ Կարիք չկա ասելու, որ առողջ մտքի տեր ոչ մի մարդ չի կարող ճանկռոտել այսպիսի մի ջրաղացքար և վրան այսքան ապուշ բաներ փորել, թե այստեղ փշրվել է նրա սիրտը, թե այստեղ նա ժրաջան աշխատել է երեսունյոթ տարի, որ իբր թե ինչ֊որ Լյուդովիկոսի ապօրինի զավակն է և նման անվերջ անհեթեթություններ։ Ես ասում եմ, որ այդ նեգրը կատարյալ խելագար է։ Ասել եմ սկզբում, նորից եմ ասել, նույնն ասում եմ այժմ և կասեմ հետագայում․ նա կատարյալ Նաբուգոդոնասոր<ref>Բաբելոնի թագավոր։</ref> է։
 
― Ապա նայեցեք շորից պատրաստած սանդուղքին, Հոչքինս քույրիկ, ― մեջ ընկավ պառավ միսիս Դառնելը, ― բարի եղեք ասելու, թե ինչի՞ համար է նա դա պատրաստել։
 
― Նույն բառերը հենց նոր ասացի Օթթերբեք քույրիկին։ Նա ինքը ձեզ կասի։ «Նայեցեք այդ շորե սանդուղքին, ― ասաց նա, ― ես ասացի, այո, բայց դա նրա ինչի՞ն է պետք»։ Օթթերբեք քույրիկն էլ թե․
 
― Բայց այդ ջրաղացքարն ինչպե՞ս այդտեղ ընկավ, և ո՞վ փորեց այդ ստորերկրյա անցքը, ո՞վ․․․
 
― Հենց իմ խոսքերն են դրանք, եղբայր Փենրոթ․․․ Մեղրաջրի ամանն այս կողմը բերեք։ Հենց նոր Դընլեփ քույրիկին ասացի․ «Ինչպե՞ս այդ ջրաղացքարը տարան այնտեղ, առանց դրսի օգնության։ Ա՛յ թե որտեղ է գաղտնիքը։ Է՛լ մի ասեք։ Օգնել են, մեծ չափով օգնել, մի տասնյակ մարդ օգնել է այդ նեգրին։ Ես այստեղ մինչև վերջի նեգրի կաշին կքերթեի, մինչև պարզեի, թե ո՛վ է օգնել։
 
― Ասում եք՝ մի տասնյակ։ Քառասուն մարդ էլ չէին կարող անել այդ ամենը, որ կատարված է այստեղ։ Նայեցեք այդ դանակից շինած սղոցին ու մյուս բաներին։ Ի՞նչ տաղտկալի գործ, ինչպիսի՜ համբերությամբ է այդ բոլորն արված։ Նայեցեք մահճակալի սղոցած ոտքին, վեց մարդ մեկ շաբաթում հազիվ անի։ Նայեցեք մահճակալի վրա ծղոտից պատրաստած նեգրին և նայեցեք․․․
 
― Լավ եք ասում, եղբայր Հայթաուեր, նույնը ես ասացի եղբայր Ֆելփսին անձամբ։ Նա ասում է․ «Ի՞նչ եք մտածում այդ մասին, Հոչքինս, քույրիկ», ― ինչի՞ մասին, եղբայր Ֆելփս», ― ասում եմ ես։ «Մահճակալի ոտքն այդ ձևով սղոցելու մասին»։ Ի՞նչ եմ մտածում։ Ասում եմ, թե ոտքն ինքն իրեն չի սղոցվել, մեկը սղոցել է։ Իմ կարծիքն այդ է։ Կուզեք ընդունեք, կուզեք մի ընդունեք, իմ կարծիքն այդ է։ Եթե մի ուրիշն այլ կերպ է մտածում, դա նրա գործն է։ Ուրիշ ոչինչ։ Դըլնեփ քույրիկին ասում էի․․․
 
― Ա՜խ, այդ նեգրերը․․․ Պետք է որ չորս շաբաթ ամեն գիշեր մի տուն լիքը նեգրեր հավաքված լինեին այնտեղ, որպեսզի կատարեին այդ ամբողջ աշխատանքը, Ֆելփս քույրիկ։ Նայեցեք այդ շապկին, դրա յուրաքանչյուր մատնաչափը ծածկված է աֆրիկյան գաղտնի գրերով և գրված է արյամբ։ Պետք է որ այստեղ աշխատած լինի մի մեծ խումբ, և այն էլ գրեթե ամբողջ ժամանակ։ Ես ուրախությամբ երկու դոլար կտայի, եթե մեկն այդ կարդար ինձ համար։ Իսկ ինչ վերաբերում է այն նեգրերին, որ գրել են դա, ես կվերցնեի ու այնքան կմտրակեի, մինչև․․․
 
― Ասում եք, որ նրան օգնել են, եղբայր Մափլզ։ Կարծում եմ, այդպես էլ կկարծեիք, եթե այն ժամանակ այս տանը լինեիք։ Նրանք գողացել են այն ամենը, ինչ ձեռքներն է ընկել, իսկ մենք էլ ամբողջ ժամանակ հսկել ենք, լսո՞ւմ եք։ Նրանք հենց այս շապիկը թռցրել են պարանի վրայից։ Իսկ ինչ վերաբերում է սավանին, որից սանդուղք են շինել, չեմ կարող ասել, թե քանի անգամ են թռցրել։ Նույնը կարելի է ասել ալյուրի, մոմերի, մոմակալների, գդալների, հին տապակի և հազար ու մի բաների մասին, այն ժամանակ, երբ ես, Սայլասը, իմ Սիդն ու Թոմը գիշեր֊ցերեկ հսկել ենք, ինչպես ասացի քիչ առաջ, և մեզանից ոչ մեկը չի կարողացել ո՛չ նրանց մաշկը բռնել, ո՛չ էլ մաղը, ո՛չ էլ տեսել է կամ լսել նրանց ձայնը։ Եվ ահա, վերջին րոպեին, լսո՞ւմ եք, նրանք փախչում են մեր քթի տակից, հիմարացնում են մեզ, և ոչ միայն մեզ, այլև հնդկական տերիտորիայից եկած ավազակների մի ամբողջ խմբի և ապահով փախչում նեգրի հետ, այն էլ այն ժամանակ, երբ նրանց կրնկակոխ հետապնդում էին տասնվեց տղամարդ և քսան շուն։ Ասում եմ, որ ես մինչև օրս ոչ մի բան ո՛չ տեսել էի, ո՛չ լսել։ Ոգիները չէին կարող ավելի լավ և ավելի սրամիտ ձևով կատարել։ Եվ ես կարծում եմ, որ դրանք պետք է ոգիներ լինեին։ Դե դուք գիտեք, թե ինչ շներ ունենք։ Ոչ ոք ավելի լավ շուն չունի։ Բայց թե շները չկարողացան գտնել նրանց հետքը։ Դե՛հ, ձեզնից մեկը թող ինձ բացատրի այս բանը։
 
― Այո, դա․․․
 
― Աստվա՜ծ իմ, ես երբեք․․․
 
― Տե՜ր ողորմյա, ես չէի ուզում․․․
 
― Տնային գողեր, ինչպես և․․․
 
― Ի սեր աստծո․ ես կվախենայի ապրել այս տանը։
 
― Կվախենայինք։ Այո, այնպես էի ահաբեկվել, որ չէի կարողանում անկողին մտնել կամ վեր կենալ, նստել, պառկել, Ռիջուեյ քույրիկ։ Ինչպե՞ս չեն գողացել հենց․․․ Աստվա՜ծ իմ, երևակայեցեք, թե ինչպես հուզվեցի, երբ երեկ կեսգիշերը մոտենում էր։ Վախենում էի, թե ընտանիքի անդամներից մեկին կգողանան։ Այնտեղ էի հասել, որ համարյա կորցրել էի դատողությունս։ Այժմ, երբ ցերեկ է, դա հիմարություն է թվում։ Մտածում էի, որ իմ խեղճ երկու տղաները քնած են վերևում, երկուսով, առանձին սենյակում։ Աստված վկա, այնքան անհանգիստ էի, որ բարձրացա վեր ու դուռը կողպեցի նրանց վրա։ Այո, կողպեցի։ Ով իմ տեղը լիներ, այդպես կաներ։ Դե, գիտեք, երբ մարդ այդպես վախեցած է լինում և վախն էլ շարունակվում և ավելի ու ավելի խորանում է, գլխում ամեն ինչ խառնվում է։ Նա արդեն ամեն տեսակի տխմարությունների դիմում է, մտածելով, թե ինչպե՞ս կլիներ, եթե ինքն էլ մի տղա լիներ, վերևում մենակ քնած, դուռն էլ բաց։
 
Նա կանգ առավ, ինչ֊որ բանի մասին մտածելով, ապա դանդաղ պտտեցրեց գլուխը, և երբ աչքերը հանդիպեցին իմ աչքերին, ես վեր թռա ու գնացի զբոսնելու։ Զբոսանքի ժամանակ ինքս ինձ ասում էի, որ կարող եմ բացատրել, թե ինչու առավոտյան սենյակում չէինք, եթե առանձնանամ ու մի փոքր մտածեմ այդ հարցի մասին։ Այդպես էլ արեցի։ Բայց հեռու չգնացի, որովհետև կարող էին մեկին ուղարկել ինձ որոնելու։ Երբ կեսօրն անցել էր, և բոլորը գնացել էին, ես եկա ու պատմեցի, որ իբր աղմուկն ու կրակոցները ինձ ու «Սիդին» արթնացրին։ Դուռը փակ էր, իսկ մենք ուզում էինք տեսնել, թե ինչ է տեղի ունենում։ Վայր իջանք շանթագրելի ձողով։ Երկուսս էլ մի քիչ վնասվեցինք և որոշեցինք այլևս փորձ չանել դրանով իջնել։ Այնուհետև ես շարունակեցի պատմել այն, ինչ արդեն ասել էի հորեղբայր Սայլասին։ Մորաքույր Սալլին, լսելով պատմությունս, ասաց, որ ներում է մեզ և գուցե բոլոր դեպքերում էլ դա ճիշտ է․ մոտավորապես վարվել ենք այնպես, ինչպես կարելի էր սպասել տղաներից։ Չէ՞ որ բոլոր տղաները, որքան ինքը գիտե, որոշ չափով թեթևսոլիկ են։ Եվ քանի որ մեր գլխին փորձանք չէր եկել և ինքը մեզանից չէր զրկվել, ուրեմն՝ պետք է գոհություն հայտներ աստծուն, և ոչ թե հուզվեր ու բարկանար անցած֊գնացածի պատճառով։ Նա համբուրեց ինձ, շոյեց գլուխս և տարվեց ինչ֊որ մռայլ մտածմունքներով։ Շուտով վեր թռավ ու ասաց․
 
― Տե՜ր աստված, մութն ընկնում է, և Սիդը դեռ չի եկել։ Ի՞նչ պատահեց այդ տղային։
 
Ես տեսա, որ ծլկելու առիթը եկել է, ուստի վեր ցատկեցի ու ասացի․
 
― Վազեմ քաղաք և գտնեմ նրան, մորաքույր։
 
― Ոչ, մի՛ գնա, տեղումդ մնա, մեկի կորուստն էլ բավական է։ Եթե ընթրիքին տանը չեղավ, Սայլասը կգնա։
 
Ընթրիքին Թոմը, իհարկե, չեկավ։ Ընթրիքից անմիջապես հետո հորեղբայրը գնաց։
 
Նա վերադարձավ ժամը տասի մոտ՝ մի փոքր անհանգիստ։ Նա Թոմի հետքն էլ չէր գտել։ Մորաքույր Սալլին շատ անհանգստացավ, բայց հորեղբայր Սայլասն ասաց, որ անհանգստանալու կարիք չկա․ «Տղան տղա պիտի լինի, և կտեսնես, որ առավոտյան կերևա, ողջ և առողջ»։ Մորաքույրը ստիպված էր դրանով բավականանալ, բայց ասաց, որ քիչ էլ կսպասի և լույսը վառ կթողնի, որ տղան նկատի։
 
Այնուհետև, երբ ես գնացի քնելու, նա ինձ հետ բարձրացավ վեր և վերցրեց մոմը, լավ ծածկեց ինձ վերմակով և այնպես մայրաբար փայփայեց, որ ես ինձ զգացի մի տեսակ նվաստացած և չէի կարողանում նայել նրա դեմքին։ Մորաքույրը նստեց մահճակալի ծայրին և երկար խոսեց ինձ հետ, ասելով, թե ինչ սքանչելի տղա է Սիդը։ Սիդի մասին խոսելուց չէր կշտանում։ Շուտ֊շուտ հարցնում էր, թե, իմ կարծիքով, կարո՞ղ է նա կորած կամ վնասված, գուցեև խեղդված լինել։ Գուցեև այժմ մի տեղ ընկած տառապում է կամ արդեն մեռած է, և ինքը նրա կողքին չէ, չի կարող օգնել։ Արցունքները լուռ գլորվում էին նրա աչքերից։ Ես պատասխանում էի, որ Սիդին ոչինչ պատահած չի լինի, որ նա, անկասկած, առավոտյան տանը կլինի։ Մորաքույրն այս բառերը լսելիս սեղմում էր ձեռքս կամ համբուրում ու ասում, որ կրկնեմ այդ խոսքերը։ Դրանք հանգստացնում էին նրան, իսկ նա այնքա՜ն անհանգիստ էր։ Հեռանալիս մորաքույրը նայեց աչքերիս, այնպե՜ս անթարթ ու քնքուշ, և ասաց․
 
― Դուռը չեմ փակի, Թոմ։ Ահա պատուհանը, շանթարգելը, բայց դու խելոք տղա կլինես, չէ՞, չես գնա, ի սեր ինձ։
 
Սակայն ես շատ էի ուզում գնալ․ ուզում էի իմանալ, թե ինչպես է Թոմը։ Մտադիր էի անպայման գնալ։ Դրանից հետո չէի գնա, թեկուզ մի ամբողջ թագավորություն տային։
 
Մորաքույր Սալլին մտքիցս չէր հեռանում, Թոմը՝ նույնպես։ Ես շատ անհանգիստ քնեցի։ Գիշերը երկու անգամ շանթարգելով իջա ներքև, շրջեցի տան չորս կողմը և տեսա մորաքրոջը՝ պատուհանի մոտ, մոմի առջև նստած, արտասվալի աչքերը ճանապարհին ուղղած։ Ես ուզում էի նրա համար մի բան արած լինել, բայց չէի կարող։ Ես կարող էի միայն երդվել, թե այլևս չեմ անի այնպիսի բան, որը նրան վշտացնի։ Երրորդ անգամ արթնացա լուսադեմին և սահեցի ներքև։ Մորաքույրը դեռ այնտեղ էր։ Մոմը գրեթե սպառվել էր, և նրա ալեհեր գլուխը հանգչում էր ձեռքերի վրա։ Քնել էր։
 
 
==Գլուխ քառասուներկուերորդ==
 
Ծերունին ճաշից առաջ նորից գնաց քաղաք, բայց Թոմի վերաբերյալ ոչինչ չէր իմացել։ Նրանք երկուսն էլ սեղանի առջև նստած՝ լուռ մտածում էին, ոչ ուտում էին, ոչ խմում։ Վերջապես ծերունին ասաց․
 
― Քեզ տվեցի՞ նամակը։
 
― Ի՞նչ նամակ։
 
― Այն, որ երեկ փոստի գրասենյակից ստացա։
 
― Ոչ, ինձ նամակ չես տվել։
 
― Ուրեմն՝ մոռացել եմ։
 
Նա որոնեց գրպաններում և ապա գնաց ինչ֊որ տեղ, ուր դրել էր նամակը, բերեց այն ու տվեց կնոջը։ Կինն ասաց․
 
― Օ՜, Սանկտ֊Պետերբուրգից է, քրոջիցս։
 
Ես մտածում էի, թե վատ չի լինի՝ մեկ էլ զբոսնելու գնալ, բայց չկարողացա տեղիցս շարժվել։ Նամակը դեռ չբացած, մորաքույրն այն վայր գցեց ու վազեց դուրս․ պատուհանից ինչ֊որ բան էր տեսել։ Ես հետևեցի նրան։ Դա Թոմ Սոյերն էր՝ ներքնակի վրա պառկած։ Տեսա և ծեր բժշկին։ Նրանց հետ էր Ջիմը՝ մորաքույր Սալլիի չթե զգեստը հագած, ձեռքերը մեջքին կապած։ Գալիս էր նաև մի հոծ բազմություն։ Ես նամակը թաքցրի առաջին պատահած իրի տակ ու դուրս վազեցի։ Մորաքույր Սալլին, լաց լինելով, նետվեց Թոմի կողմը։
 
― Օ՜, մեռել է, մեռե՜լ, գիտեմ, մեռե՜լ է։
 
Թոմը մի փոքր շուռ տվեց գլուխը և ինչ֊որ անկապ բառեր մրմնջաց։ Դա ցույց էր տալիս, որ նա նորմալ վիճակում չէ։ Մորաքույրը բարձրացրեց ձեռքերն ու ասաց․
 
― Կենդանի է, փա՜ռք աստծո։ Այդքանը բավական է։
 
Նա համբուրեց Թոմին ու վազեց տուն՝ անկողին պատրաստելու, յուրաքանչյուր քայլափոխում նեգրերին ու բոլորին աջ ու ձախ արագ֊արագ հրամաններ տալու, որքան լեզուն կարող էր պտտվել բերանում։
 
Ես հետևում էի մարդկանց, տեսնելու, թե ինչ են անելու Ջիմին։ Ծեր բժիշկն ու հորեղբայր Սայլասը հետևեցին Թոմին, երբ նրան տարան ներս։ Մարդիկ չափազանց զայրացած էին։ Մի քանիսն ուզում էին կախել Ջիմին՝ որպես օրինակ տեղի նեգրերի համար, որպեսզի նրանք փախչելու փորձ չանեն, ինչպես արել էր Ջիմը, առաջացնելով այդքան իրարանցում և մի ամբողջ ընտանիք գիշեր֊ցերեկ պահելով սարսափի մեջ։ Մի քանիսն էլ ասում էին, թե չպետք է կախել, դա բոլորովին էլ նպատակահարմար չէ․ նա իրենց նեգրը չէ, և տերը կարող է ներկայանալ ու, անկասկած, ստիպել, որ իրենք վճարեն նրա համար։ Դա մասամբ մեղմեց նրանց զայրույթը, որովեհետև այն մարդիկ են միշտ ամենից շատ ուզում օրինազանց նեգրին կախել, որոնք ամենից քիչ ցանկություն ունեն այդ հաճույքը ստանալուց հետո վճարել նրա համար։ Նրանք շատ էին հայհոյում Ջիմին և հաճախ մեկ֊երկու հարված հասցնում գլխին, բայց Ջիմը ոչինչ չէր ասում։ Ցույց էլ չտվեց, թե ինձ ճանաչում է։ Նրան տարան նույն հյուղակը, հագցրին իր շորերը, նորից կապեցին շղթայով և այս անգամ ոչ թե մահճակալի ոտից, այլ մի մեծ սյունից, շղթայեցին նաև ձեռքերն ու երկու ոտքերը։ Ասացին, որ բացի հացից ու ջրից ոչինչ չի ստանա, մինչև տերը գա, կամ իրեն վաճառեն աճուրդով, եթե տերը որոշակի ժամանակից հետո չգա։ Ապա լցրին մեր փորած անցքը և ասացին, որ յուրաքանչյուր գիշեր երկու ագարակատեր հրացաններով պահակություն են անելու հյուղակի մոտ, իսկ ցերեկը դռան առաջ կապելու են մի բուլդոգ։ Երբ վերջացրին ամեն ինչ և հեռանում էին հրաժեշտի ընդհանուր հայհոյանքներով, ծեր բժիշկը մոտեցավ նրանց, նայեց այդ տեսարանին ու ասաց․
 
― Այդքան խիստ մի՛ վարվեք նրա հետ։ Նա վատ նեգր չէ։ Երբ ես հասա այնտեղ, որտեղ գտա տղային, տեսա, որ չեմ կարող գնդակը հանել առանց մեկի օգնության։ Իսկ տղան այնպիսի վիճակում էր, որ չէի կարող գնալ և մեկին օգնության կանչել։ Նրա դրությունը ավելի ու ավելի վատանում էր։ Երկար ժամանակ նա զառանցեց և այլևս թույլ չէր տալիս, որ մոտենամ։ Ասում էր, որ եթե կավճով նախշեմ իր լաստը, կսպանի ինձ։ Մի խոսքով, անմիտ֊անմիտ զառանցում էր։ Տեսա, որ մենակ ոչինչ չեմ կարող անել, ասացի, որ պետք է մի կերպ օգնող ճարեմ։ Հենց որ արտասանեցի այս բառերը, ինչ֊որ տեղից դուրս սողաց նեգրը և ասաց, որ ինքը կօգնի։ Եվ իսկապես օգնեց, այն էլ շատ լավ։ Ես, իհարկե, ենթադրեցի, որ նա փախած նեգր է և ստիպված եղա օրվա մնացած մասն ու ամբողջ գիշերը մեխվել այնտեղ։ Ինչպիսի՜ դժվար կացություն։ Քաղաքում տենդով բռնված երկու հիվանդ ունեի, և, իհարկե, կուզենայի շտապ վերադառնալ, տեսնել նրանց, բայց չեկա, որովհետև նեգրը կարող էր փախչել, և ինձ կմեղադրեին դրա համար, իսկ գետի վրա ոչ մի նավակ այնքան մոտ չեկավ, որ կանչեի։ Հարկ եղավ սպասել մինչև առավոտ։ Ես երբեք չեմ տեսել մի նեգրի, որը այդպես խնամեր հիվանդին ու ավելի հավատարիմ լիներ, եթե դրանով վտանգի էր ենթարկում իր ազատությունը։ Միաժամանակ ես պարզ նկատում էի, որ նա վերջին ժամանակները շատ տանջվել և կատարյալ ուժասպառ է եղել։ Դրա համար էլ ես սիրեցի այս նեգրին։ Կարող եմ ասել, ջենտլմեններ, որ այսպիսի նեգրը հազար դոլար արժե, ինչպես և արժանի է սիրալիր վերաբերմունքի։ Ինձ մոտ կար այն ամենը, ինչի կարիքն ունեի, և տղան խնամվում էր նույնքան լավ, որքան տանը, գուցեև ավելի լավ, որովհետև այնտեղ շատ խաղաղ էր։ Բայց ես մնացի այնտեղ, և երկուսն էլ իմ հսկողության տակ էին։ Սպասեցի գրեթե մինչև լուսաբաց։ Մեր մոտով անցավ մի նավակ։ Մեջը մի քանի մարդ կար։ Բարեբախտաբար, նեգրն այդ պահին նստած էր հարդանկողնու վրա, գլուխն իջեցրած ծնկներին ու խորը քնած։ Ես կամացուկ նշան արի նրանց, և նրանք աննկատ վրա պրծան, ամուր բռնեցին ու կապեցին, նախքան նա իմացավ, թե ինչ է տեղի ունենում, և մենք ոչ մի նեղություն չկրեցինք։ Տղան նույնպես քնած էր, թեև անհանգիստ։ Թիակները փաթաթեցինք շորով՝ ձայնը խլացնելու համար, լաստը կապեցինք նավակից և կամաց քաշեցինք դեպի քաղաք։ Նեգրը սկզբից մինչև վերջ ոչ մի բառ չարտասանեց և բոլորովին չդիմադրեց։ Նա վատ նեգր չէ, ջենտլմեններ, իմ կարծիքը նրա մասին այդ է։
 
Մեկն ասաց․
 
― Այո, պետք է ասել, որ այդ բոլորը շատ դուրեկան բաներ են։
 
Այնուհետև մյուսներն էլ մասամբ մեղմացան, և ես շատ շնորհապարտ մնացի այդ ծեր բժշկին Ջիմի մասին այդպես բարեխոսելու համար։ Ուրախ էի, որ բժշկի ասածները չէին տարբերվում Ջիմի մասին իմ ունեցած կարծիքից։ Ես միշտ էլ մտածել եմ, որ նա բարի սիրտ ունի։ Առաջին իսկ հանդիպումից նա ինձ վրա լավ մարդու տպավորություն է թողել։ Բոլորն էլ ընդունում էին, որ Ջիմը լավ է վարվել, արժանի է ուշադրության և պարգևատրման։ Բոլորը սրտանց խոստացան այլևս չհայհոյել նրան։
 
Ապա դուրս եկան հյուղակից ու փակեցին դուռը։ Ես հույս ունեի, թե շղթաներից մեկը կամ երկուսը կպակասեցնեն, որովհետև դրանք սարսափելի ծանր էին, կամ հացի ու ջրի հետ միս ու կանաչեղեն էլ կտան։ Բայց այդ մասին նրանք չմտածեցին, իսկ իմ միջամտությունը համարում էի սխալ։ Սակայն որոշեցի բժշկի պատմածները այս կամ այն ձևով հասցնել մորաքույր Սալլիին, հենց որ ազատվեի ինձ վրա խուժող ալիքներից ու ծանծաղուտ դուրս գայի, այսինքն՝ բացատրեի, թե ինչպես մոռացա հայտնել, որ Սիդը վիրավորված է, երբ, իբր թե, ես ու նա այդ ահավոր գիշերը մակույկ նստած որոնում էինք փախած նեգրին։
 
Բայց ես դրա համար շատ ժամանակ ունեի։ Մորաքույր Սալլին գիշեր֊ցերեկ չէր հեռանում հիվանդի սենյակից, և ամեն անգամ, երբ տեսնում էի հորեղբայր Սայլասին, ծլկում էի։
 
Հաջորդ առավոտյան լսեցի, որ Թոմը բավական լավացել է, և մորաքույր Սալլին գնացել է մի փոքր քնելու։ Ես ինձ գցեցի հիվանդի սենյակը, մտածելով, որ եթե նրան արթուն գտնեմ, ապա կկարողանանք մեր մեղքը քավող մի պատմություն հորինել։ Բայց նա հանգիստ քնած էր։ Դեմքը գունատ էր և այնպես չէր այրվում, ինչպես առաջին օրը, երբ բերին։ Նստեցի ու սպասեցի, մինչև արթնանար։ Մոտավորապես կես ժամ հետո մորաքույր Սալլին կամաց մտավ սենյակ, և ես նորից լուռ նստեցի ինչպես կոճղ։ Նա ձեռքի շարժումով ինձ հասկացրեց, որ ձայն չհանեմ, նստեց իմ կողքին ու սկսեց շշունջով ասել, որ մենք բոլորս այժմ կարող ենք ուրախ լինել․ բոլոր լավ նշանները կան։ Թոմը երկար ժամանակ այդպես հանգիստ քնած է և ավելի ու ավելի լավ է երևում։ Կարելի է վստահ ասել, որ կարթնանա լիովին սթափված։
 
Մենք նստած՝ դիտում էինք Թոմին։ Շուտով նա մի փոքր շարժվեց, շատ բնական ձևով բացեց աչքերը, նայեց շուրջն ու ասաց․
 
― Օ՜, տանն եմ ես։ Ինչպե՞ս եկա։ Որտե՞ղ է լաստը։
 
― Ամեն ինչ լավ է, ― ասացի ես։
 
― Իսկ Ջի՞մը։
 
― Նույնպես, ― ասացի ես, բայց ոչ հաստատ եղանակով։ Նա այդ չնկատեց ու ասաց․
 
― Լավ է, սքանչելի։ Այժմ մենք շատ լավ ենք ու ապահով։ Մորաքրեոջն ասացի՞ր։
 
Ուզում էի ասել «այո», բայց մորաքույրը մեջ ընկավ ու ասաց․
 
― Ինչի՞ մասին, Սիդ։
 
― Այն եղանակի մասին, որով կատարվեց այս ամբողջը։
 
― Ի՞նչը։
 
― Ամբողջ գործը, մեկից բացի, ուրիշ գործ չկա, պատմե՞ց, թե ինչպես փախած նեգրին ազատ արձակեցինք ես ու Թոմը։
 
― Տե՜ր աստված։ Ազատ արձակեցիք փախած․․․ Ինչի՞ մասին է այս երեխան խոսում։ Նորից զառանցում է, աստվա՜ծ իմ։
 
― Ոչ, չեմ զառանցում։ Ես հասկանում եմ, թե ինչի մասին եմ խոսում։ Մենք նրան ազատ արձակեցինք, ես ու Թոմը։ Մենք որոշել էինք, արեցինք և արեցինք արժանավայել ձևով։
 
Թոմն սկսեց պատմել, իսկ մորաքույրը երբեք չընդհատեց նրան։ Ամբողջ ժամանակ նստած ու աչքերը չռած, թույլ տալով, որ շարունակի։ Ես տեսնում էի, որ իմաստ չուներ մեջ ընկնել։
 
― Բայց, մորաքույր, այդ գործը մեզ վրա շատ ծանր նստեց։ Մենք աշխատեցինք շաբաթներով, ժամ առ ժամ, ամեն գիշեր, այն ժամանակ, երբ դուք բոլորդ քնած էիք։ Հարկ եղավ գողանալ մոմեր, սավան, շապիկ, ձեր զգեստը, գոգնոցներ, թիթեղյա ամաններ, սեղանի դանակներ, տապակ, ջրաղացքար, այլուր և բազմաթիվ այլ բաներ։ Դուք չեք կարող պատկերացնել, թե որքան չարչարվեցինք սղոցներ, տապակներ, մակագրություններ ու այս կամ այն բանը պատրաստելու համար։ Կիսով չափ էլ չեք կարող պատկերացնել, թե որքան զվարճալի էր այդ։ Հարկ եղավ դագաղների ու այլ բաների նկարներ պատրաստել, անանուն նամակներ գրել իբր թե ավազակների կողմից, շանթարգելով բարձրանալ վեր, իջնել ցած, դեպի հյուղակը ստորերկրյա ճանապարհ փորել, պարանից սանդուղք շինել և հասցնել Ջիմին կարկանդակի խմորի մեջ դրած, գդալներն ու այն իրերը, որոնցով աշխատելու էր նա, ուղարկում էինք ձեր գոգնոցի գրպանը դրած․․․
 
― Ողորմա՜ծ տեր։
 
― ․․․ մենք հյուղակը լցրել էինք առնետներով, օձերով ու այլ արարածներով, որ Ջիմն ընկերներ ունենա։ Դուք Թոմին այնքան պահեցիք այստեղ՝ կարագը գլխարկի մեջ, որ քիչ էր մնում ամբողջ գործը փչացնեինք, որովհետև մարդիկ հյուղակ եկան, երբ մենք այնտեղից դեռ չէինք հեռացել։ Ստիպված եղանք աճապարել, մեզ լսեցին, ընկան մեր ետևից, և ես էլ ստացա իմ բաժինը։ Մենք դուրս եկանք ճանապարհից և թույլ տվինք, որ նրանք առաջ անցնեն։ Իսկ շները, երբ եկան, մեզ ուշադրություն չդարձրին, վազեցին այն ուղղությամբ, որտեղ աղմուկը մեծ էր։ Մենք էլ նստեցինք մեր մակույկն ու թիավարեցինք դեպի լաստը, և ամեն ինչ ապահով էր, Ջիմը դարձավ ազատ մարդ։ Այդ բոլորը մենք արինք և ճարպկորեն կատարեցինք, չէ՞, մորաքույր։
 
― Իսկապես, իմ կյանքում նման բան երբեք չէի լսել։ Ուրեմն՝ դուք, փոքրիկ սրիկաներդ եք եղել այս ամբողջ նեղության պատճառը, բոլորին գժվեցնողները, մահվան աստիճանի վախեցնողները։ Այժմ ավելի քան երբևէ տրամադիր եմ հենց այս րոպեին ձեզ խելքի բերելու։ Պատկերացրու․ այստեղ քանի՜ գիշեր․․․ Սպասի՜ր, փոքրիկ անպիտան, լավացիր դեռ, ես ձեզ այնպես ջարդեմ, որ ձեր միջից սատանան դուրս գա։
 
Բայց Թոմն այնպես հպարտ և ուրախ էր, որ չէր կարող լեզուն փակել։ Խոսո՜ւմ էր ու խոսում, իսկ մորաքույրը բարկանում էր, իրեն կորցնում։ Երկուսն էլ խոսում էին միաժամանակ։ Կարծես կատուների ժողով լիներ։ Մորաքույրն ասաց․
 
― Լավ, հիմա դու լրիվ ուրախացիր արածիդ համար, բայց տես, եթե դու մեկ էլ խառնվես նրա գործին․․․
 
― Խառնվել ո՞ւմ գործին, ― ասաց Թոմը, ժպիտը թողնելով ու զարմացած նայելով նրան։
 
― Ո՞ւմ, փախած նեգրի գործին, հապա էլ ո՞ւմ։
 
Թոմը չափազանց լուրջ նայեց ինձ ու ասաց․
 
― Թոմ, հենց նոր չասացի՞ր, թե ամեն ինչ կարգին է։ Մի՞թե նա չի փախել։
 
― Նա՝ փախած նեգրը, ― ասաց մորաքույր Սալլին, ― իհարկե, չի փախել։ Նրան ողջ և առողջ ետ են բերել։ Նա նորից նույն հյուղակում է, տալիս են միայն հաց ու ջուր։ Շղթայակապ կմնա, մինչև տերը պահանջի կամ վաճառի աճուրդով։
 
Թոմն անմիջապես վեր ելավ, նստեց անկողնում, աչքերը բոցավառվեցին, ռունգերը խռիկների նման բաց ու խութ եղան։ Նա բարձրարաձայն գոչեց․
 
― Նրանք Ջիմին բանտարկելու իրավունք չունեն։ Շո՛ւտ, առանց մի րոպե կորցնելու շտապի՛ր և ազա՛տ արձակիր․ նա այլևս ստրուկ չէ, ազատ է, ինչպես ամեն արարած, որ քայլում է երկրի վրա։
 
― Ի՞նչ է դա նշանակում, տղաս։
 
― Այն, ինչ նշանակում է իմ ասած ամեն մի բառը, մորաքույր Սալլի։ Եթե ոչ ոք չկա, որ գնա ազատ արձակի նրան, ես կգնամ։ Ես գիտեմ նրա ամբողջ կյանքը, նույնպես և Թոմը։ Պառավ միսս Ուոթսոնը մեռավ երկու ամիս առաջ։ Նա ամաչում էր, որ ուզում էր Ջիմին գետով ուղարկել ցած ու վաճառել։ Նա այդպես էլ ասել էր և իր կտակում ազատություն է տվել Ջիմին։
 
― Այդ դեպքում, ինչո՞ւ էիր ուզում նրան ազատել, երբ գիտեիր, որ նա արդեն ազատ է։
 
― Ահա քեզ հարց, և դա որքա՜ն հատուկ է կանանց։ Ուզում էի միայն նրա համար, որ ես սիրում եմ արկածներ, և պատրաստ էի մինչև վիզս թաղվել արյան մեջ․․․ Ա՜խ, աստվա՜ծ իմ, մորաքույր Պո՜լլին։
 
Կործանվեմ, եթե այդ րոպեին մորաքույր Պոլլին չկանգնեց դռան շեմքին, բարեհամբույր ու գոհ, ինչպես հրեշտակը։
 
Մորաքույր Սալլին նետվեց ընդառաջ, և այնպես ամուր գրկեց գլուխը, որ քիչ էր մնում տեղից հաներ։ Սկսեց լաց լինել։ Ես ինձ համար մի հարմար տեղ գտա մահճակալի տակ։ Զգացի, որ մեր գլխին փոթորիկ է գալու։ Երբեմն թաքուն նայում էի նրանց։ Թոմի մորաքույր Պոլլին ազատվեց քրոջ գրկից և կանգնեց, ակնոցի վերևով այնպես նայելով Թոմին, կարծես ուզում էր փոշի դարձնել նրան։
 
― Այո, ավելի լավ է երեսդ շուռ տաս։ Քո տեղը լինեի, այդպես կանեի, Թոմ։
 
― Օ՜, աստվա՜ծ իմ, ― ասաց մորաքույր Սալլին, ― մի՞թե նա այնքան փոխվել է։ Չէ՞ որ սա Թոմը չէ, Սիդն է, Թոմը․․․ Թոմը հենց նոր այստեղ էր, ո՞ւր կորավ։
 
― Ուզում ես ասել, որտեղ է Հեք Ֆի՞ննը։ Կարծում եմ, ես այնպիսի մի անպիտանի, ինչպիսին Թոմն է, չեմ խնամել այսքան տարի, որպեսզի տեսնելիս չճանաչեմ։ Ա՜յդ էր պակաս։ Դո՛ւրս արի մահճակալի տակից, Հե՛ք Ֆինն։
 
Ես դուրս եկա։ Ընկճված էի զգում ինձ։
 
Մորաքույր Սալլին այնպես էր շփոթվել, որ ես իմ կյանքում այդ վիճակում ընկած մարդ չէի տեսել, բացի հորեղբայր Սայլասից, որն ավելի շփոթվեց, երբ ներս մտավ, և նրան պատմեցին ամեն ինչ։ Նա կարծես հարբել էր և օրվա մնացած ժամերին ոչինչ չկարողացավ հասկանալ։ Իսկ երեկոյան այնպիսի քարոզ կարդաց, որ մեծ համբավի արժանացավ․ ոչ ոք, նույնիսկ ամենածեր մարդը, ոչինչ չհասկացավ նրա ասածից։ Այսպիսով, Թոմի մորաքույր Պոլլին պատմեց նրանց, թե ով եմ ես։ Ստիպված եղա վեր կենալ և ասել, թե ինչպիսի նեղ դրության մեջ էի ընկել, երբ միսիս Ֆելփսն ինձ ընդունեց որպես Թոմ Սոյերի։ (Այստեղ միսիս Ֆելփսը ընդմիջեց ինձ ու ասաց․ «Օ՜, շարունակի՛ր ինձ մորաքույր Սալլի կոչել․ այժմ ես վարժվել եմ դրան և փոխելու կարիք չկա»)․․․ Երբ մորաքույր Սալլին ինձ ընդունեց որպես Թոմ Սոյերի, ինձ մնում էր համաձայնել դրան, ուրիշ ճար չկար։ Ես գիտեի, որ Թոմը դրանից չէր նեղանա, որովհետև դա, լինելով գաղտնիք, նրա համար նույնիսկ ցանկալի կլիներ։ Դրանից նա մի արկած դուրս կբերեր և կատարելապես գոհ կլիներ։ Այդպես էլ եղավ։ Նա թույլ տվեց, որ ինքը լինի Սիդ, և իմ գործը կարողացածի չափ մեղմացրեց։
 
Մորաքույր Պոլլին ասաց, որ Թոմն իրավացի է․ պառավ միսս Ուոթսոնը Ջիմին ազատություն է տվել։ Կտակում իրոք այդպես էլ գրված է։ Թոմ Սոյերն այս բոլոր նեղություններին ու տանջանքներին դիմել է միայն ազատագրված մի նեգր ազատելու համար։ Բայց ես ամբողջ ժամանակ, մինչև այդ զրույցի վերջը, չէի կարողանում հասկանալ, թե ինչպես Թոմ Սոյերն իր այդպիսի դաստիարակությամբ կարող էր օգնել մեկին մի նեգրի ազատելու համար։
 
Մորաքույր Պոլլին ասաց, որ երբ մորաքույր Սալլին գրել էր, թե Թոմն ու Սիդը ողջ֊առողջ տեղ են հասել, մտածեց․ «Ահա, թե ինչ։ Ես այդպես էլ սպասում էի, երբ թույլ տվեցի, որ նա անցնի այդ ճանապարհն առանց մեկի հսկողության»։
 
Եվ ինքը ստիպված է եղել գետի վրայով հազար հարյուր մղոն ճանապարհ անցնել նավով և իմանալ, թե այդ արարածն այժմ ինչով է զբաղված, քանի որ այդ մասին գրած ոչ մի նամակին պատասխան չի ստացել։
 
― Բայց ես քեզանից ոչ մի նամակ չեմ ստացել, ― ասաց մորաքույր Սալլին։
 
― Զարմանալի է, չէ՞ որ ես երկու անգամ գրեցի և հարցրի, թե ինչ է նշանակում «Սիդն այստեղ է»։
 
― Ես ոչ մի նամակ չեմ ստացել, քույրիկ։
 
Մորաքույր Պոլլին դանդաղ ու խոժոռված շուռ եկավ դեպի Թոմն ու կանչեց․
 
― Թո՛մ։
 
― Ի՞նչ, ― պատասխանեց Թոմը դյուրագրգիռ։
 
― Ինձ այդպես չպատասխանես, անամո՛թ․․․ Այստեղ տուր նամակները։
 
― Ի՞նչ նամակ։
 
― Այն նամակները։ Սպասի՛ր դու․․․
 
― Սնդուկում են։ Ոչ ոք ձեռք չի տվել, ստացված օրից ընկած են այնտեղ, չեմ էլ բացել։ Բայց ես գիտեի, որ դրանք նեղություն կտան մեզ և մտածեցի, որ եթե չես շտապում, ուրեմն․․․
 
― Քեզ պետք է այնքան ծեծել, որ կաշիդ պլոկվի, և դա սխալ չի լինի։ Բայց ես մի նամակ էլ գրեցի, որով նախազգուշացնում էի, թե գալիս եմ։ Ենթադրում եմ, որ դա․․․
 
― Ոչ, երեկ եկավ։ Դեռ չեմ կարդացել, բայց ինձ մոտ է, ստացել եմ։
 
Ուզում էի երկու դոլարի վրա գրազ գալ, որ մոտը չէ, բայց մտածեցի, որ գուցե լռելն ավելի ապահով է, և ոչինչ չասացի։
 
 
==Վերջին գլուխ==
 
 
Առաջին անգամ, երբ ես ու Թոմը մենակ էինք, հարցրի, թե ի՞նչ էր մտածում նա, երբ կազմակերպեց այդ փախուստը, ի՞նչ էր ծրագրել անել հետագայում, եթե փախուստը հաջող անցներ, և ինքը ազատած լիներ մի նեգրի, որը մինչև այդ արդեն ազատված էր։ Եվ նա ասաց, թե սկզբում ինչ էր ծրագրել գլխում, եթե ապահով դուրս բերեինք Ջիմին։ Մենք պետք է լաստով նրան տանեինք ներքև, մինչև գետաբերանը, որպես արկածային զվարճություն, ապա հայտնեինք, որ նա ազատ է, հանդիսավոր կերպով շոգենավով ետ բերեինք կորցրած ժամանակի համար, նախապես գրեինք տուն և հավաքեինք շրջակայքի նեգրերին, որ դիմավորեին և առաջնորդեին քաղաք՝ ջահերով ու երաժշտությամբ։ Նա կդառնար հերոս, մենք ևս հերոսներ կդառնայինք։ Բայց, իմ կարծիքով, առանց այդ էլ ամեն ինչ նույնքան լավ էր։
 
Մենք Ջիմին անմիջապես ազատեցինք շղթաներից, և երբ մորաքույր Պոլլին, հորեղբայր Սայլասն ու մորաքույր Սալլին իմացան, թե նա որքան լավ էր օգնել բժշկին՝ Թոմին խնամելիս, մեծ աղմուկ բարձրացրին։ Տեղավորեցին հարգ ու պատվով, տալիս էին լավագույն ուտելիքները, աշխատում էին այնպես անել, որ չձանձրանա, ոչ մի գործ չանի։ Մենք նրան տարանք հիվանդի սենյակը և լրջորեն խոսեցինք։ Թոմը նրան քառասուն դոլար տվեց՝ այդքան համբերատար կերպով մեր բանտարկյալը լինելու և հանձնարարված պարտականություններն այնքան լավ կատարելու համար։ Ջիմն անսահման ուրախ էր, նրա ձայնալարերը բացվեցին, և նա ասաց․
 
― Ահա, Հեք, ի՞նչ ասացի քեզ, ի՞նչ ասացի, երբ Ջեքսոնի կղզում էինք․ ասացի, որ մազոտ կուրծ ունեմ և ինչի՛ նշան է դա։ Ասացի, որ մի անգամ հարուստ եղել եմ և նորից կհարստանամ։ Եվ դա ճիշտ դուրս եկավ։ Ահա այդ հարստությունը, էլ չխոսես։ Նշանը նշան է, հիշիր խոսքերս։ Ես նույնքան համոզված էի, որ կհարստանամ, որքան հավատում եմ, որ այս րոպեին կանգնած եմ ասյտեղ։
 
Ապա Թոմը խոսե՜ց, խոսե՜ց։ Ասաց, որ մենք երեքով մոտ օրերս, գիշերով կծլկենք այստեղից, լավ կպատրաստվենք ու երկու շաբաթով կամ մեկ ամսով կփախչենք հնդկացիների կողմերը, արկածներ որոնելու։ Ես տվեցի իմ համաձայնությունը, բայց ասացի, որ պատրաստություններ տեսնելու, հագուստներ գնելու համար փող չունեմ։ Տնից էլ հազիվ թե ստանամ, որովհետև հայրս վաղուց վերադարձած, դատավոր Թեչըրից ստացած կլինի իմ փողը և ամբողջովին խմած, վատնած կլինի։
 
― Ո՛չ, չի ստացել, ― ասաց Թոմը, ― ամբողջ փողն իր տեղում է՝ վեց հազար դոլար, նույնիսկ ավելի։ Բացի այդ, հայրդ դեռ չի վերադարձել։ Համենայն դեպս, երբ ես եկա, չէր վերադարձել։
 
Ջիմը մի տեսակ հանդիսավոր լուրջ եղանակով ասաց․
 
― Նա այլևս հետ չի գա, Հե՛ք։
 
― Ինչո՞ւ, Ջիմ, ― ասացի ես։
 
― Պատճառը հետաքրքիր չէ, Հեք, բայց այլևս ետ չի գա։
 
Ես շարունակեցի հարց ու փորձ անել այնքան, մինչև նա վերջապես ասաց․
 
― Հիշո՞ւմ ես այն տունը, որ լողալով իջնում էր ջրի հետ։ Մեջը ծածկված մի մարդ կար։ Երբ ես մտա ներս, բաց արեցի դեմքը, չթողեցի, որ դու ներս գաս։ Դե՛հ բավական է, դու կարող ես դրամն ստանալ, երբ ուզենաս․ այդ մարդը նա էր։
 
Թոմն արդեն լավացել էր և գնդակը ժամացույցի շղթային ամրացրած կախել էր վզից որպես ժամացույց և միշտ նայում էր, թե ժամը քանի՞սն է։ Այսպիսով, այլևս ոչինչ չկա, որի մասին գրեմ և անչափ ուրախ եմ դրա համար։ Եթե իմանայի, թե ինչ գլխացավանք է գիրք գրելը, երբեք չէի ձեռնարկի, ոչ էլ այսուհետև կձեռնարկեմ։ Բայց կարծում եմ, ես ավելի շուտ կթռչեմ հնդկացիների կողմերը, քան մյուսները, որովհետև մորաքույր Սալլին պատրաստվում է որդեգրել և քաղաքակրթել ինձ, իսկ ես չեմ դիմանա դրան․ նրա մոտ արդեն եղել եմ։
Ադմին, Վստահելի
1876
edits