Changes
{{Գլուխ|հիմնական=Ոճիր և պատիժ|նախորդ=Ոճիր և պատիժ, Երկրորդ մաս|հաջորդ=Ոճիր և պատիժ, Չորրորդ մաս}}
== I ==
Ռասկոլնիկովը ելավ ու նստեց բազմոցին։
Նա թույլ ձեռքով նշան արեց Ռազումիխինին, որ վերջինս դադարեցնի մորը և քրոջը ուղղված անկապ ու ջերմագին սփոփանքների ողջ հեղեղը, վերցրեց նրանց երկուսի ձեռքերը ու երկու րոպեի չափ լուռ նայում էր մերթ մեկին ու մերթ մյուսին։ Մայրը վախեցավ նրա նայվածքից։ Այդ նայվածքը տանջանքի չափ ուժեղ զգացմունք էր արտահայտում, բայց միևնույն ժամանակ դրա մեջ ինչ-որ անշարժ, նույնիսկ կարծես թե խելահեղ բան կար։ Պույլխերիա Այեքսանդրովնան լացեց։ Ավդոտյա Ռոմանովնան գունատ էր. նրա ձեռքը դողում էր եղբոր ձեռքի մեջ։
— Գնացեք տուն... նրա հետ,— կցկտուր ձայնով ասաց Ռասկոլնիկովը՝ ցույց տալով Ռազումիխինին,— մինչև վաղը. ամեն ինչ վաղը... Վաղո՞ւց եք ժամանել։
— Երեկոյան, Ռոդյա,— պատասխանեց Պույլխերիա Ալեքսանդրովնան,— գնացքը շատ ուշացավ։ Բայց, Ռոդյա, ես հիմա ոչ մի դեպքում չեմ հեռանա քեզնից։ Ես կգիշերեմ այստեղ, քեզ մոտ...
— Մի՛ տանջեք ինձ,— ասաց Ռասկոլնիկովը՝ ջղայնացած թափ տալով ձեռքը։
— Ես կմնամ իր մոտ,— գոչեց Ռազումիխինը,— ոչ մի րոպե չեմ թողնի նրան, մերոնք բոլորն էլ թող գնան գրողի ծոցը, թող ինչ ուզում են անեն։ Այնտեղ, իմ սենյակում հորեղբայրս պրեզիդենտ է։
— Ես ինչո՜վ, ինչո՞վ շնորհակալ լինեմ ձեզնից,— ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան՝ նորից սեղմելով Ռազումիխինի ձեռքը, բայց Ռասկոլնիկովը դարձյալ ընդհատեց նրան։
— Ես չեմ կարող սա տանել, չեմ կարող,— ջղայնացած կրկնում էր նա,— մի տանջեք, բավական է, գնացեք... Չեմ կարող...
— Գնանք, մայրիկ, գոնե մի րոպե սենյակից դուրս ելնենք,— շշնջաց վախեցած Դունյան,— երևում է, որ մենք նեղում ենք նրան։
— Մի՞թե երեք տարվա անջատումից հետո ես չեմ կարող մի լավ նայել նրան,— լալով ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Սպասեցեք,— դիմեց Ռասկոլնիկովը նրանց,— դուք հա՛ ընդհատում եք, իսկ իմ մտքերը իրար են խառնվում... Լուժինին տեսե՞լ եք։
— Ոչ, Ռոդյա, բայց նա արդեն գիտե, որ մենք ժամանել ենք։ Մենք լսեցինք, Ռոդյա, որ Պյոտր Պետրովիչը այնքան բարի է եղել, որ այսօր այցելել է քեզ,— մի փոքր երկչոտ պատասխանեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Այո... այնքան բարի՜ է եղել... Դունյա, ես Լուժինին ասացի, որ իրեն կգլորեմ սանդուղքից, և ուղարկեցի գրողի ծոցը...
— Ռոդյա, ինչե՞ր ես ասում, այդ ինչպե՜ս կարելի է,—փորձեց առարկել վախեցած Պույլխերիա Ալեքսանդրովնան, բայց լռեց ու նայեց Դունյային։
Ավդոտյա Ռոմանովնան ակնապիշ նայում էր եղբորը և սպասում, թե էլ ինչ է լինելու։ Երկուսն էլ վեճի մասին իմացել էին Նաստասյայից, որքան որ սա կարող էր այն հասկանալ ու հաղորդել, ու նեղվում էին տարակուսանքից ու սպասումից։
— Դունյա,— ճիգ անելով ասաց Ռասկոլնիկովը,— ես այդ ամուսնությունը չեմ ցանկանում, դրա համար էլ դու պետք է հենց վաղը առաջին իսկ խոսքից մերժես Լուժինին, որպեսզի նրա հոտը կտրվի։
— Աստվա՛ծ իմ,— ճչաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Եղբա՛յրս, մտածիր, թե ինչ ես ասում,— տաքացած փորձեց առարկել Ավդոտյա Ռոմանովնան, բայց իսկույն զսպվեց։— Գուցե դու հիմա տկար ես,— հեզությամբ ասաց նա։
— Զառանցո՞ւմ եմ։ Ոչ... Դու ''ինձ համար'' ես ամուսնանում Լուժինի հետ։ Իսկ ես զոհաբերություն չեմ ընդունում։ Ուստի և մինչև վաղը մերժման նամակ գրիր... Առավոտյան տուր ինձ կարդալու, և վերջ։
— Ես չեմ կարող այդ անել,— գոչեց վիրավորված աղջքիկը։— Ի՞նչ իրավունք ունեմ։
— Դունեչկա, դու է՛լ տաքարյուն ես, վերջ տուր, վաղը․․․ Մի՞թե դու չես տեսնում․․․— ասաց սարսափահար մայրը՝ նետվելով դեպի Դունյան։— Ախ, ավելի լավ է գնանք։
— Զառանցում է,— գոչեց գինովցած Ռազումիխինը,— թե չէ ո՛նց կհամարձակվեր։ Վաղը այդ ամբողջ հիմարությունը գլխից դուրս կթռչի․․․ Իսկ այսօր նա իրոք վռնդեց Պյոտր Պետրովիչին։ Հենց այդպես էլ եղավ։ Իսկ Պյոտր Պետրովիչը բարկացավ... Ճառաբանեց այստեղ, իր գիտելիքները ցույց տվեց, հետո էլ պոչը քաշեց ու գնաց...
— Ուրեմն դա ճի՞շտ է,— գոչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Ցտեսություն մինչև վաղը, եղբայրս,— կարեկցաբար ասաց Դունյան,— գնանք, մայրիկ․․․ Ցտեսություն, Ռոդյա։
— Լսո՞ւմ ես, քույր,— նրանց ետևից ասաց Ռասկոլնիկովը՝ հավաքելով վերջին ճիգերը,— ես չեմ զառանցում, այդ ամուսնությունը ստորություն է։ Թող ես ստոր լինեմ, բայք դու չպետք է համաձայնես... կամ ես, կամ նա... Իսկ ես թեկուզև ստոր եմ, բայց այդպիսի քրոջը քույր չեմ համարի։ Կամ ես, կամ Լուժինը։ Գնացեք...
— Գժվե՞լ ես, ինչ է, բռնակալ,— գոռաց Ռազումիխինը, բայց Ռասկոլնիկովը արդեն չէր պատասխանում, գուցե և ուժ չուներ պատասխանելու։ Բոլորովին ուժասպառ նա պառկեց բազմոցին ու դեմքը դարձրեց դեպի պատը։ Ավդոտյա Ռոմանովնան հետաքրքրությամբ նայեց Ռազումիխինին. նրա սև աչքերը շողացին. Ռազումիխինը նույնիսկ ցնցվեց այդ հայացքից։ Պույլխերիա Ալեքսանդրովնան կանգնել էր ապշած։
— Ես ոչ մի կերպ չեմ կարող գնալ,— գրեթե հուսաբեկ շշնջաց նա Ռազումիխինի ականջին,— ես կմնամ այստեղ, և որևէ մի տեղ... ուղեկցեք Դունյային։
— Դրանով ամբողջ գործը կփչացնեք,— սրտնեղելով փսփսաց Ռազումիխինը,— դուրս գնանք գոնե միջանցք, Նաստասյա, լույս վառիր։ Երդվում եմ ձեզ, որ ժամ առաջ քիչ մնաց խփեր մեզ, ինձ և բժշկին,— շարունակեց նա արդեն սանդուղքի վրա։— Հասկանո՞ւմ եք, հենց բժշկին։ Ու բժիշկը զիջեց, որպեսզի նրան չջղայնացներ, ու գնաց, իսկ ես ներքևում մնացի հսկելու, Ռոդյան հագնվեց ու ծլկեց։ Եթե ջղայնացնեք, հիմա էլ գիշերով կծլկի ու իրեն մի որևէ վնաս կհասցնի...
— Ա՛խ, ինչե՛ր եք ասում։
— Ավդոտյա Ռոմանովնան չի կարող հյուրանոցում մնալ մենակ, առանց ձեզ։ Մտածեցեք, թե որտեղ եք գտնվում։ Այդ անիրավը, Պյոտր Պետրովիչը, մի՞թե չէր կարող ձեզ համար ավելի լավ բնակարան գտնել․․․ Սակայն գիտե՞ք, ես մի քիչ հարբած եմ, այս պատճառով էլ․․․ վատ խոսք ասացի, ուշադրություն մի դարձնեք․․․
— Ես կգնամ այստեղի տանտիրուհու մոտ,— պնդում էր Պույլխերիա Ալեքսանդրովնան,— ես նրան կաղաչեմ , որ ինձ ու Դունյային մի անկյուն տա այս գիշերն անցկացնելու համար։ Ես չեմ կարող Ռոդյային այդպես թողնել, չե՛մ կարող։
Նրանք կանգնել էին սանդուղքի հարթակում, հենց տանտիրուհու դռան առաջ։ Նաստասյան սանդուղքի վերջին աստիճանից լուսավորում էր հարթակը։ Ռազումիխինը արտասովոր հուզված էր։ Դեռ կես ժամ առաջ, Ռասկոլնիկովին տուն ուղեկցելով, նա թեպետև տեղի-անտեղի շատախոսում էր, ինքն էլ այդ գիտակցելով, բայց միանգամայն զվարթ էր և համարյա թարմացած, չնայելով, որ այդ երեկո սարսափելի քանակությամբ օղի էր կոնծել։ Իսկ հիմա նա նույնիսկ մի ինչ-որ հրճվալից վիճակում էր գտնվում, ու միևնույն ժամանակ կարծես թե իր խմած ամբողջ օղին միանգամից և կրկնակի ուժով խփել էր գլխին։ Նա կանգնել էր այդ երկու կնոջ հետ, բռնել նրանց ձեռքերը։ Համոզում էր նրանց և զարմանալի անկեղծությամբ փաստարկներ բերում, ու հավանորեն դրանք մեծապես համոզիչ դարձնելու համար, իր յուրաքանչյուր խոսքի վրա պինդ, շատ պինդ, ցավեցնելու չափ սեղմում էր նրանց ձեռքերը ու կարծես աչքերով լափում էր Ավդոտյա Ռոմանովնային, բնավ չքաշվելով դրանից։ Նրանք ցավից երբեմն իրենց ձեռքերը ետ էին քաշում Ռազումիխինի ահագին, ոսկրոտ ձեռքից, բայց նա ոչ միայն չէր նկատում, թե ինչումն է բանը, այլև ավելի պինդ էր նրանց քաշում իր կողմը։ Եթե նրանք իրենց ծառայություն մատուցելու համար այժմ Ռազումիխինին հրամայեին գլխիվայր ներքև նետվել սանդուղքից, ապա նա, անկասկած, առանց առարկելու կկատարեր այդ բանը։ Պույլխերիա Ալեքսանդրովնան, որ տագնապալից անհանգստությամբ էր մտածում իր Ռոդյայի մասին, թեև զգում էր, որ այդ երիտասարդը խիստ տարօրինակ է և չափից դուրս ցավեցնելով է սեղմում իր ձեռքը, բայց որովհետև նա իր համար նախախնամություն էր, ուստի և ինքը, Պույլխերիա Ալեքսանդրովնան, չէր ուզում նկատել այդ բոլոր տարօրինակ մանրամասնությունները։ Չնայած նույնպիսի անհանգստության, Ավդոտյա Ռոմանովնան թեպետև երկչոտ բնավորություն չուներ, բայց զարմանքով և գրեթե նույնիսկ վախով էր տեսնում իր եղբոր ընկերոջ օտարոտի, ճառագայթող հայացքները, և միայն անսահման վստահությունը, որ առաջացել էր այդ տարօրինակ մարդու մասին Նաստասյայի պատմածներից, նրան ստիպում էր չփախչել Ռազումիխինից և հետը չտանել մորը։ Ավդոտյա Ռոմանովնան նաև հասկանում էր, որ հիմա ինքը թերևս անկարող է փախչել Ռազումիխինից։ Սակայն մի տասը րոպե հետո նա բավական հանգստացավ. Ռազումիխինը ինչպես էլ որ տրամադրված լիներ, րոպեապես ամբողջովին արտահայտվելու հատկություն ուներ, այնպես, որ բոլորն էլ շատ շուտով իմանում էին, թե ում հետ գործ ունեն։
— Չի կարելի գնալ տանտիրուհու մոտ, դա սարսափելի անհեթեթություն է,― գոչեց նա՝ համոզելով Պույլխերիա Ալեքսանդրովնային։— Դուք թեպետև մայր եք, բայց եթե մնաք, Ռոդյային կատաղության կհասցնեք, և այդ դեպքում սատանան գիտե, թե ինչ կլինի։ Լսեք, ահա թե ես ինչ կանեմ․ հիմա Նաստասյան կնստի նրա մոտ, իսկ ես ձեզ երկուսիդ տուն կտանեմ, որովհետև դուք առանց ուղեկցողի չպետք է գնաք փողոցներով. մեզ մոտ, Պետերբուրգում, այդ կողմից... Հա՛, լավ, թքած դրա վրա... Հետո էլ ես իսկույն կվազեմ այստեղ, ու ազնիվ խոսք, քառորդ ժամից լուր կբերեմ, թե ինչպե՞ս է նա, քնա՞ծ է, թե չէ, և այլն։ Հետո, լսեցեք, հետո կթռչեմ իմ բնակարանը, այնտեղ ես հյուրեր ունեմ, բոլորն էր հարբած են, հա՛, կվերցնեմ Զոսիմովին, նրան բուժող բժշկին, որ հիմա գտնվում է իմ բնակարանում, հարբած չէ, նա երբեք հարբած չի լինում, նրան կտանեմ Ռոդյայի մոտ, հետո էլ անմիջապես ձեզ մոտ կգամ, ուրեմն մեկ ժամում դուք Ռոդյայի մասին երկու լուր կստանաք, ու բժշկից էլ, հասկանո՞ւմ եք, հենց բժշկից էլ լուր կստանաք, դա արդեն այն չէ, ինչ որ ինձնից ստանալիք լուրը։ Թե որ բանը վատ լինի, երդվում եմ, ես ինքս ձեզ այստեղ կբերեմ, իսկ եթե լավ լինի, կպառկեք քնելու։ Իսկ ես ամբողջ գիշերը կանցկացնեմ այստեղ, հաշտում, նա չի էլ լսի։ Զոսիմովին էլ կպատվիրեմ գիշերել տանտիրուհու մոտ, որ նա ձեռքի տակ լինի։ Հիմա Ռոդյայի համար ի՞նչն է լավ, դո՞ւք, թե՞ բժիշկը։ Բժիշկը հո ավելի օգտակար է, օգտակար է։ Դեհ, ուրեմն պետք է տուն գնալ, իսկ տանտիրուհու մոտ չի կարելի գնալ, ինձ կարելի է. իսկ ձեզ չի կարելի, չի թողնի, որովհետև... որովհետև հիմար է։ Նա ինձ կխանդի Ավդոտյա Ռոմանովնային, եթե ուզում եք իմանալ, նույնիսկ ձեզ... Ավդոտյա Ռոմանովնային անպայման կխանդի... Նա բոլորովին, բոլորովին տարօրինակ բնավորություն ունի։ Ասենք, ես էլ եմ հիմար... էհ, թքած դրա վրա։ Գնանք։ Հավատո՞ւմ եք ինձ, հավատո՞ւմ եք, թե՞ չէ։
— Գնանք, մայրիկ,— ասաց Ավդոտյա Ռոմանովնան,― նա անշուշտ կանի այն, ինչ որ խոստանում է։ Նա արդեն վերակենդանացրել է եղբորս, իսկ եթե ճիշտ է, որ բժիշկը կհամաձայնի այստեղ գիշերել, ուրեմն դրանից լավ ի՞նչ կարող է լինել։
— Այ, դուք... դուք... դուք ինձ հասկանում եք, որովհետև դուք հրեշտակ եք,— հիացած գոչեց Ռազումիխինը։
— Գնանք, Նաստասյա, թռիր վերև ու նստիր Ռոդյայի մոտ, լույսը վառած պահիր, ես քառորդ ժամից կգամ...
Պույլխերիա Ալեքսանդրովնան թեև վերջնականապես չհամոզվեց, բայք և էլ չէր ընդդիմանում։ Ռազումիխինը նրանց երկուսին էլ թևանցուկ արեց ու սանդուղքով ներքև տարավ։ Սակայն նա է՛լ էր անհանգստացնում Պույլխերիա Ալեքսանդրովնային։ «Թեև սա ճարպիկ ու բարի է, բայց արդյո՞ք կկարողանա կատարել իր խոստումը։ Տարօրինակ տեսք ունի․․․»։
— Հը՛մ, հասկանում եմ, դուք մտածում եք, որ ես այսպիսի վատ տեսքով եմ,— նրա մտքերը ընդհատեց Ռազումիխինը։ Նա չափազանց լայն֊լայն էր քայլում մայթով, այնպես որ մայրն ու աղջիկը հազիվ էին կարողանում նրա հետ համաքայլ գնալ, և նա այդ չէր նկատում։
— Անհեթեթությո՜ւն, այսինքն․․․ ես, տխմարս, հարբած եմ, սակայն բանը այդ չէ. գինուց չէ, որ ես հարբած եմ։ Զեզ տեսա թե չէ, գլուխս պտտվեց... Սակայն թքած ինձ վրա։ Ուշադրություն մի դարձնեք, ես ստում եմ, ես ձեզ արժանի չեմ․․․ Ես ձեզ ամենևին արժանի չեմ... Ձեզ ճանապարհելուց հետո հենց այստեղ ջրանցքից երկու տակառ ջուր կլցնեմ գլխիս, պրծավ-գնաց... Օ, եթե դուք գիտենայիք, թե ես ձեզ երկուսիդ էլ ինչպես եմ սիրում... Մի՛ ծիծաղեք և մի՛ բարկանաք... բոլորի վրա բարկացեք, իսկ ինձ վրա մի՛ բարկանաք։ Ես Ռոդյայի բարեկամն եմ, հետևաբար նաև ձեր բարեկամն եմ։ Ես այդպես եմ ուզում... Ես այդ նախազգում էի... անցյալ տարվանից, այդպիսի մի վայրկյան եղավ... Ասենք ամենևին էլ չէի նախազգում, քանի որ դուք կարծես թե երկնքից ընկաք։ Ես գուցե ամբողջ գիշեր չքնեմ... Այդ Զոսիմովը վերջերս վախենում էր, որ Ռոդյան կխելագարվի... Ահա թե ինչու չի կարելի նրան ջղայնացնել...
— Ինչե՛ր եք ասում,— ճչաց մայրը։
— Մի՞թե բժիշկը ինքն էր այդ ասում,— վախեցած հարցրեց Ավդոտյա Ռոմանովնան։
— Ասում էր, բայց բանը այդպես չէ, բոլորովին այդպես չէ։ Նա դեղ էլ տվեց, դեղափոշի, ես տեսա, իսկ դուք հենց այդ ժամանակ էլ եկաք... Ավելի լավ կլիներ, որ դուք վաղը ժամանեիք։ Լավ է, որ մենք գնացինք։ Իսկ մի ժամ հետո Զոսիմովը ինքը ձեզ կզեկուցի ամեն ինչի մասին։ Նա հարբած չէ։ Ես էլ հարբած չեմ լինի... Իսկ ինչո՞ւ եմ այսպեա խմած. որովհետև անիծվածները ինձ ստիպեցին վեճի բռնվել։ Ես երդվել էի վեճի չբռնվել... Հա՛ անհեթեթություններ են ասում։ Քիչ մնաց տուրուդմբոց սարքեի։ Ես այնտեղ թողել եմ հորեղբորս իբրև նախագահ․․․ Կհավատա՞ք արդյոք, լիակատար դիմազրկություն են պահանջում և դրա մեջ հաճույք են գտնում, ասում են՝ մարդը չպետք է ուրույն դեմք ունենա, ինքն իրեն չպետք է նմանվի։ Նրանք դա ամենաբարձր առաջադիմությունն են համարում։ Գոնե իրենց խելքով ստեին, թե չէ․․․
— Լսեք,— երկչոտ ընդհատեց Պույլխերիա Ալեքսանդրովնան, բայց դա միայն է՛լ ավելի տաքացրեց Ռազումիխինին։
— Դուք ի՞նչ եք կարծում,— գոչեց Ռազումիխինը՝ է՛լ ավելի բարձրացնելով ձայնը,— դուք կարծում եք, թե ես հակառա՞կ եմ նրանց ստելուն։ Դատարկ բան։ Ես սիրում եմ, երբ ստում են։ Ստախոսությունը միակ մարդկային արտոնությունն է բոլոր օրգանիզմների հանդեպ։ Թե որ ստեցիր, ճշմարտության կհասնես։ Ես մարդ եմ հենց նրա համար, որ ստում եմ։ Առանց նախապես տասնչորս անգամ, գուցե և հարյուր տասնչորս անգամ ստելու ոչ մի ճշմարտության չենք հասել, իսկ դա յուրատեսակ պատվավոր բան է։ Հա՛, իսկ մենք չենք էլ կարողանում մեր խելքով ստել։ Դու ստիր, բայց քո խելքով ստիր, և այս դեպքում ես քեզ կհամբուրեմ։ Չէ՞ որ համարյա ավելի լավ է յուրովի ստել, քան ուրիշի խելքով ճշմարտությանն ասել, առաջին դեպքում դու մարդ ես, իսկ երկրորդ դեպքում հենց միայն թռչուն։ Ճշմարտությունը չի փախչի, իսկ կյանքը կարող է տուժել, այդպիսի օրինակներ եղել են։ Ի՞նչ ենք մենք հիմա։ Մենք բոլորս, առանց բացառության, գիտության, զարգացման, մտածողության, գյուտերի, իդեալների, ցանկությունների, լիբերալիզմի, բանականության, փորձի և ամեն, ամեն, ամեն, ամեն ինչի նկատմամբ դեռ գիմնազիայի առաջին նախապատրաստական դասարանում ենք նստած։ Ուրիշի խելք բանեցնելը դուր է եկել, ու մենք դա սովորություն ենք դարձրել։ Այդպես չէ՞, ճիշտ չե՞մ ասում,— բղավում էր Ռազումիխինը՝ ցնցելով ու սեղմելով մոր և աղջկա ձեռքերը,— այդպես չէ՞։
— Օ, աստված իմ, ես չգիտեմ,— ասաց խեղճ Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Այդպես է, այդպես... թեև ես այնքան էլ համաձայն չեմ ձեզ հետ,— լրջորեն վրա բերեց Ավդոտյա Ռոմանովնան և ճչաց, որովհետև Ռազումիխինը այս անգամ է՛լ ավելի պինդ սեղմեց և խիստ ցավեցրեց նրա ձեռքը։
— Այդպե՞ս է, դուք ասում եք այդպե՞ս է։ Դե ուրեմն սրանից հետո դուք... դուք...— հիացած գոչեց Ռազումիխինը,— դուք բարության, մաքրության, բանականության և... կատարելության աղբյուր եք։ Տվեք ձեր ձեռքը, տվեք... դուք էլ տվեք ձեր ձեռքը, ես ուզում եմ հիմա այստեղ ծնկաչոք համբուրել ձեր ձեռքերը։
Եվ նա ծունկ չոքեց մայթի վրա, որով այս անգամ բարեբախտաբար ոչ ոք չէր անցնում։
— Վերջ տվեք, խնդրում եմ ձեզ, ի՞նչ եք անում,— բղավեց ծայրահեղորեն անհանգստացած Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Վեր կացեք, վեր կացեք,— ծիծաղում և նույնպես անհանգստանում էր Դունյան։
— Ոչ մի դեպքում, մինչև որ կտաք ձեր ձեռքերը։ Ա՛յ, այդպես, պրծավ գնաց, վեր կացա, գնանք։ Ես խղճուկ դմբո եմ, ես արժանի չեմ ձեզ ու հարբած եմ... Ես արժանի չեմ ձեզ սիրելու, բայց ձեր առաջ ծունկ չոքելը յուրաքանչյուր մեկի պարտականությունն է, եթե նա իսկապես անասուն չէ։ Ես էլ հո ծունկ չոքեցի... Ահա և ձեր հյուրանոցը, ու Ռոդյոնը իրավացի է հենց միայն նրանով, որ վերջերս վռնդեց ձեր Պյոտր Պետրովիչին։ Ախր նա ինչպե՞ս համարձակվեց ձեզ տեղավորել այսպիսի հյուրանոցում։ Դա խայտառակություն է։ Գիտե՞ք արդյոք, թե ովքեր են այստեղ գալիս։ Չէ՞ որ դուք հարսնացու եք։ Դուք հարսնացո՞ւ եք, հա՞։ Դե ուրեմն ես ձեզ կասեմ, որ այդ դեպքում ձեր փեսացուն ստոր մարդ է։
— Լսեք, պարոն Ռազումիխին, դուք ձեզ...— ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Այո, այո, դուք իրավացի եք, ես ինձ կորցրել եմ, ամոթ ինձ,— սթափվեց Ռազումիխինը,— բայց... բայց... դուք չպետք է ինձ վրա բարկանաք, որ ես այսպես եմ խոսում։ Որովհետև ես այդ ասում եմ անկեղծորեն և ոչ թե նրա համար, որ․․․ Հըմ․․․ դա ստորություն կլիներ. մի խոսքով, ոչ նրա համար, որ ես ձեզ․․․ Հըմ... դե, թող այդպես էլ լինի, հարկավոր չէ, չեմ ասի, թե ինչի համար, չեմ համարձակվում... Ժամ առաջ, երբ Լուժինը ներս մտավ, մենք բոլորս հասկացանք, որ այդ մարդը մեր հասարակությունից չէ։ Եվ դա ոչ թե այն պատճառով, որ սափրիչի մոտ գանգրացրել էր մազերը, որ նա փորձում էր խելք ցույց տալ, այլ այն պատճառով, որ նա լրտես է և սպեկուլյանտ, որ նա ջհուդ է և խեղկատակ, և դա աչքի է ընկնում։ Դուք կարծում եք, թե նա խելացի՞ է։ Ոչ, նա հիմար է, հիմար։ Մի՞թե նա սազում է ձեզ։ Օ, աստված իմ։ Գիտե՞ք ինչ, տիրուհիներ,— Ռազումիխինը հանկարծ կանգ առավ, երբ նրանք արդեն բարձրանում էին հյուրանոցի սանդուղքով,— այնտեղ, իմ բնակարանում թեև բոլորը հարբած են, բայց բոլորն էլ ազնիվ են, ու թեև մենք ստում ենք, թեև ես էլ եմ ստում, բայց վերջը կհասնենք ճշմարտության, որովհետև ազնիվ ճանապարհով ենք գնում, իսկ Պյոտր Պետրովիչը... ազնիվ ճանապարհով չի գնում։ Ես թեև նրանց թունդ հայհոյեցի, բայց բոլորին էլ հարգում եմ. նույնիսկ Զամետովին էլ թեև չեմ հարգում, բայց սիրում եմ, որովհետև լակոտ է։ Նույնիսկ այն անասունին, Զոսիմովին էլ եմ սիրում, որովհետև ազնիվ է և գործին հմուտ... Սակայն բավական է, ամեն ինչ ասված է ու ներված։ Ներվա՞ծ է, այդպե՞ս է, դեհ գնանք։ Այս միջանցքը ծանոթ է ինձ, այստեղ եղել եմ. երրորդ համարում մի անգամ սկանդալ եղավ... Հա՛, դուք ո՞րտեղ եք տեղավորվել, ո՞ր համարում։ Ութերո՞րդ։ Լավ։ Գիշերը փակեցեք դուռը, ոչ ոքի ներս մի թողնեք։ Քառորդ ժամից լուր կբերեմ, կես ժամից էլ Զոսիմովի հետ կգամ, այ, կտեսնեք։ Ցե, գնացի։
— Աստված իմ, Դունեչկա, ի՞նչ է լինելու,— ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան՝ սրտահույզ ու երկչոտ դիմելով աղջկան։
— Հանգստացեք, մայրիկ,— պատասխանեց Դունյան՝ հանելով գլխարկն ու թիկնոցը,— աստված ինքն է այդ պարոնին ուղարկել մեզ, թեև նա եկել է ինչ-որ խրախճանքից։ Հավատացնում եմ ձեզ, որ կարելի է նրա վրա հույս դնել։ Եվ այն ամենը, ինչ որ նա արդեն արել է եղբորս համար...
— Ախ, Դունեչկա, աստված գիտե, կգա, թե ոչ։ Եվ ինչպե՜ս ես սիրտ արեցի թողնել Ռոդյային... բոլորովին, բոլորովին չէի կարծում, թե նրան կգտնեմ այդպիսի վիճակում։ Որքա՜ն դաժան էր նա, ասես մեր հարազատը չլիներ...
Մոր աչքերում արցունքներ երևացին։
— Ոչ, այդպես չէ, մայրիկ։ Դուք լավ չնայեցիք, դուք հա՛ լալիս էիք։ Նա խիստ վշտացած է ծանր հիվանդությունից, ահա և այս բոլորի պատճառը։
— Ախ, այդ հիվանդությունը։ Ի՞նչ է լինելու, ի՞նչ է լինելու։ Ինչպե՜ս էր նա քեզ հետ խոսում, Դունյա,— ասաց մայրը, երկչոտ նայեց աղջկա աչքերին, որպեսզի կարդար նրա մտքերը, ու արդեն կիսով չափ սփոփվեց, որ Դունյան պաշտպանում է Ռոդյային, հետևաբար ներել է եղբորը։— Ես հավատացած եմ, որ նա վաղը խելքի կգա,— ավելացրեց մայրը՝ աղջկանից մինչև վերջ խոսք քաշելու համար։
— Իսկ ես այնպես եմ հավատացած, որ նա վաղը նույնպես կխոսի... այդ մասին,— կտրուկ ասաց Ավդոտյա Ռոմանովնան, և իհարկե դա խորամանկություն էր, որովհետև այստեղ կար մի մոմենտ, որի մասին Պույլխերիա Ալեքսանդրովնան հիմա խիստ վախենում էր խոսել։ Դունյան մոտեցավ ու համբուրեց մորը։ Սա էլ պինդ, լուռ գրկեց նրան։ Այնուհետև նստեց՝ անհանգստությամբ սպասելով Ռազումիխինի վերադարձին ու սկսեց երկչոտ հետամտել աղջկան, որը ձեռքերը կրծքին խաչած, նույնպես սպասողական վիճակում, իր մտքերով տարված, սկսեց ետ ու առաջ քայլել սենյակում։ Ավդոտյա Ռոմանովնան սովորություն ուներ այդպես մտազբաղ քայլել անկյունից անկյուն, ու մայրը միշտ էլ մի տեսակ վախենում էր այդ պահին խանգարել նրա մտորմունքը։
Ռազումիխինը, իհարկե, ծիծաղելի էր հարբած վիճակում Ավդոտյա Ռոմանովնայի նկատմամբ հանկարծակի բռնկված իր կրքով, սակայն նայելով Ավդոտյա Ռոմանովհային, մանավանդ հիմա, երբ նա ձեռքերը կրկին խաչած, տխուր ու մտազբաղ քայլում էր սենյակում, շատերը գուցե ներեին Ռազումիխինին, էլ չխոսենք վերջինիս տարօրինակ վիճակի մասին։ Ավդոտյա Ռոմանովնան բավականաչափ սիրուն էր, բարձրահասակ, զարմանալի գեղակազմ, ուժեղ, ինքնավստահ, որ արտահայտվում էր նրա յուրաքանչյուր շարժմամբ և որը, սակայն, բնավ չէր նսեմացնում նրա շարժումների մեղմությունն ու նրբագեղությունը։ Դեմքով նա նման էր եղբորը, բայց կարելի էր նրան նույնիսկ գեղեցկուհի անվանել։ Նրա մազերը մուգ-շեկլիկ էին, մի քիչ ավելի բաց գույնի, քան եղբոր մազերը, աչքերը գրեթե սև էին, ճառագայթող, հպարտ և միևնույն ժամանակ երբեմն, որոշ պահերի, արտասովոր բարի։ Նա գունատ էր, բայց ոչ հիվանդագին գունատ, նրա դեմքը փայլում էր թարմությամբ և առողջությամբ։ Բերանը մի քիչ փոքր էր, իսկ թարմ ու ալ կարմիր ստորին շրթունքը կզակի հետ մեկտեղ մի քիչ դուրս էր ցցված, այդ գեղեցիկ դեմքի միակ անկանոնությունը, որը, սակայն, առանձնահատուկ բնորոշություն և, ի միջի այլոց, կարծես գոռոզություն էր արտահայտում։ Նրա դեմքի արտահայտությունը միշտ ավելի լուրջ էր և խոհուն, քան ուրախ, դրա փոխարեն ինչպե՜ս էր սազում ժպիտը այդ դեմքին, ինչպե՜ս էր նրան սազում ուրախ, երիտասարդական, անկեղծ ծիծաղը։ Հասկանալի է, որ տաքարյուն, սրտաբաց, պարզամիտ, ազնիվ, դյուցազնաբար ուժեղ և հարբած Ռազումիխինը, որ երբեք այդպիսի բան չէր տեսել, առաջին իսկ հայացքից կորցրեց գլուխը։ Ավելացնենք նաև, որ նա պատահաբար առիթ ունեցավ առաջին անգամ Դունյային տեսնելու այն հիանալի պահին, երբ Դունյան համակված էր եղբորը տեսնելու բերկրանքով և վերջինիս նկատմամբ տածած սիրով։ Ռազումիխինը հետո տեսավ, թե ինչպես Դունյայի ստորին շրթունքը ցնցվեց զայրույթից, իբրև պատասխան եղբոր հանդուգն ու ապերախտորեն դաժան հրամաններին, տեսավ, ու անկարող եղավ չհրապուրվել։
Ռազումիխինը, սակայն, ճշմարտությունն ասաց, երբ ժամ առաջ սանդուղքի վրա հարբած վիճակում բերանից թռցրեց, թե Ռասկոլնիկովի տարօրինակ տանտիրուհին, Պրասկովյա Պավլովնան իրեն, Ռազումիխինին կխանդի ոչ միայն Ավդոտյա Ռոմանովնային, այլև անշուշտ հենց Պույլխերիա Ալեքսանդրովնային։ Չնայելով, որ Պույլխերիա Ալեքսանդրովնան արդեն քառասուներեք տարեկան էր, նրա դեմքը դեռ պահպանել էր իր առաջվա գեղեցկության մնացորդները, ու բացի դրանից, նա իր տարիքից շատ ավելի փոքր էր թվում, որ համարյա միշտ հատուկ է այն կանանց, որոնք մինչև պառավելը պահպանում են ոգու պայծառությունը, տպավորությունների թարմաթյունը և սրտի ազնիվ, անաղարտ ջերմությունը։ Փակագծերի մեջ ասենք, որ այդ ամենը պահպանելը նույնիսկ պառավ հասակում էլ գեղեցկությունը չկորցնելու միակ միջոցն է։ Նրա մազերը արդեն uկսել էին սպիտակել և նոսրանալ, աչքերի շուրջը վաղուց փոքրիկ, ճառագայթաձև կնճիռներ էին երևացել, այտերը փոս էին ընկել ու թառամել հոգսից և վշտից, և այնուամենայնիվ այդ դեմքը գեղեցիկ էր։ Դա Դունեչկայի դիմանկարն էր, եթե վերջինս նկարվեր քսան տարուց հետո, և բացի դրանից, Պույլխերիա Ալեքսանդրովնայի ստորին շրթունքը այնպես դուրս ընկած չէր, ինչպես Դունեչկայինը։ Պույլխերիա Ալեքսանդրովնան զգայուն էր, բայց ոչ քաղցր-մեղցրության չափ, երկչոտ էր ու զիջող, բայց մինչև որոշ աստիճան. նա կարող էր շատ բան զիջել, շատ բաների համաձայնել, եթե նույնիսկ դա հակասեր իր համոզմունքին, սակայն միշտ էլ նրա մեջ ազնվության, սկզբունքների և ծայրահեղ համոզմունքների այնպիսի գիծ էր լինում, որից այն կողմ նա ոչ մի դեպքում չէր կարող անցնել։
Ռազումիխինի գնալուց ուղիղ քսան րոպե անց լսվեց դռան երկու կամացուկ, բայց հապճեպ թակոց, նա վերադարձավ։
— Ներս չեմ գա, ժամանակ չունեմ,— հապճեպ ասաց նա՝ երբ դուռը բացեցին,— շատ խոր, հրաշալի, հանգիստ քնած է, աստված տա, որ տասը ժամ քնի։ Նաստասյան նրա մոտ է, պատվիրեցի չհեռանալ մինչև իմ գալը։ Հիմա կբերեմ Զոսիմովին, նա ձեզ կզեկուցի, իսկ հետո դուք էլ պառկեք քնելու, տեսնում եմ, որ չափից դուրս հոգնած եք։
Ու Ռազումիխինը վազեվազ գնաց միջանցքով։
— Ինչպիսի՜ ճարպիկ և... նվիրված երիտասարդ է,— բացականչեց չափազանց ուրախացած Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Կարծես թե շատ լավ անձնավորություն է,— մի փոքր շիկնելով պատասխանեց Ավդոտյա Ռոմանովնան ու դարձյալ սկսեց սենյակով մեկ ետ ու առաջ քայլել։
Համարյա մի ժամ հետո միջանցքից քայլեր լսվեցին ու դուռը ուրիշ կերպ ծեծվեց։ Մայրն ու աղջիկը սպասում էին․ այս անգամ միանգամայն հավատալով Ռազումիխինի խոստումին. և իսկապես, նա բերեց Զոսիմովին։ Զոսիմովը անմիջապես համաձայնել էր թողնել խնջույքը և այցելել Ռասկոլնիկովին, բայց կանանց մոտ եկել էր դժկամորեն և մեծ կասկածամտությամբ, չվստահելով հարբած Ռազումիխինին։ Սակայն նրա ինքնասիրությունը իսկույն հանգստացավ և նույնիսկ շոյվեց, նա հասկացավ, որ իսկապես իրեն սպասում էին որպես գուշակի։ Նա նստեց ուղիղ տասը րոպե և կարողացավ միանգամայն սփոփել ու հանգստացնել Պույլխերիա Ալեքսանդրովնային։ Նա խոսում էր արտասովոր կարեկցությամբ, բայց զուսպ և մի տեսակ լրջորեն, ճիշտ այնպես, ինչպես քսանյոթ տարեկան այդ բժիշկը կխոսեր կարևոր կոնսուլտացիայի ժամանակ, ու ոչ մի բանով չշեղվեց տվյալ խնդրից և մոր ու աղջկա հետ ավելի մոտիկ ու մասնավոր հարաբերություններ սկսելու ամենաչնչին ցանկություն անգամ չցուցաբերեց։ Դեռ ներս մտնելիս նկատելով Ավդոտյա Ռոմանովնայի կուրացուցիչ գեղեցկությունը, Զոսիմովը աշխատեց այցելության ամբողջ ժամանակվա ընթացքում բոլորովին չնայել նրան, ու միայն Պույլխերիա Ալեքսանդրովնայի հետ էր խոսում։ Այս ամենը նրան արտակարգ ներքին բավարարություն էր պատճառում։ Հիվանդի մասին նա ասաց, որ նրա դրությունը այդ պահին միանգամայն բավարար է։ Ըստ իր դիտողությունների, բացի նրա կյանքում վերջին ամիսներին եղած նյութական վատ պայմաններից, հիվանդությունը ունի նաև բարոյական որոշ պատճառներ, «այսպես ասած՝ բազմաթիվ, բարդ, բարոյական և նյութական ազդեցությունների, հուզումների, վախի, հոգսերի, որոշ գաղափարների և այլ երևույթների հետևանք է․․․»։ Անցողակի նկատելով, որ Ավդոտյա Ռոմանովնան սկսել է առանձնապես ուշադիր լսել, Զոսիմովը մի քիչ ավելի երկար խոսեց այդ թեմայի շուրջ։ Իսկ Պույլխերիա Ալեքսանդրովնայի այն հուզումնալի ու երկչոտ հարցին, թե այդ ի՞նչ կասկածներ կան «իբր թե խելագարվելու մասին», Զոսիմովը հանգիստ ու անկեղծ քմծիծաղով պատասխանեց, որ իր խոսքերը խիստ չափազանցված են, որ, իհարկե, հիվանդի մեջ նկատելի է ինչ-որ մի գաղտնի միտք, մենամոլության ինչ֊որ նշան, որ ինքը Զոսիմովը հիմա առանձնապես հետամտում է բուժագիտության չափազանց հետաքրքիր այդ բաժնին, բայց չէ՞ որ պետք է հիշել, որ համարյա մինչև այսօր հիվանդը զառանցանքի մեջ է եղել, և․․․ և, իհարկե, հարազատների ժամանումը նրան կամրապնդի, կսփոփի ու փրկարար ազդեցություն կունենա, «եթե միայն կարելի լինի խուսափել նոր, առանձնահատուկ հուզումներից», շուրջ տոնով ավելացրեց Զոսիմովը։ Այնուհետև վեր կացավ, քաղաքավարությամբ ու սիրալիր գլուխ տվեց՝ լսելով Ավդոտյա Ռոմանովնայի օրհնանքները, շնորհակալության ջերմ խոսքերը, աղերսանքները, ու սեղմելով անսպասելիորեն նույնիսկ իրեն մեկնված նրա ձեռքը, դուրս ելավ՝ չափազանց գոհ իր այցելոլթյունից և, առավել ևս՝ ինքն իրենից։
— Վաղը կխոսենք, հենց հիմա անպայման պառկեցեք քնելու,— ասաց Ռազումիխինը՝ գնալով Զոսիմովի հետ։— Վաղը որքան կարելի է շուտ ես կգամ ձեզ մոտ և լուր կբերեմ։
— Սակայն ինչպիսի՜ չքնաղագեղ աղջիկ է այդ Ավգոտյա Ռոմանովնան,— համարյա շրթունքները լիզելով, ասաց Զոսիմովը, երբ երկուսով դուրս ելան փողոց։
— Չքնաղագե՞ղ է, դու ասացիր չքնաղագե՞ղ է,— գոռաց Ռազումիխինը ու հանկարծ հարձակվեց Զոսիմովի վրա, բռնեց նրա կոկորդից։— Եթե դու երբևէ համարձակվես․․․ Հասկանո՞ւմ ես, հասկանո՞ւմ ես,— բղավում էր նա՝ օձիքից բռնած ցնցելով նրան ու սեղմելով պատին,— լսեցի՞ր։
— Թող է, հարբած սատանա,— պաշտպանվում էր Զոսիմովը, ու հետո, երբ ազատվեց Ռազումիխինի ձեռքերից, ակնապիշ նայեց վերջինիս և հանկարծ փառ֊փառ ծիծաղեց։ Ռազումիխինը ձեռքերը կախած կանգնել էր նրա առաջ, մռայլ ու լուրջ մտքերով տարված։
— Իհարկե, ես ավանակ եմ,— ասաց նա ամպի պես մռայլ դեմքով,— բայց չէ՞ որ․․․ դու նույնպես ավանակ ես։
— Օ, ոչ, սիրելիս, բնավ այդպես չէ։ Ես հիմարություններ չեմ երազում։
Նրանք լուռ քայլեցին ու երբ մոտեցան Ռասկոլնիկովի բնակարանին, խիստ մտահոգված Ռազումիխինը ընդհատեց լռությունը։
— Լսիր,— ասաց նա Զոսիմովխն,— դու լավ տղա ես, բայց դու, բացի քո բոլոր վատ հատկություններից, նաև անառակի մեկն ես, այն էլ կեղտոտ անառակներից մեկը, ես այդ գիտեմ։ Դու ջղայնոտ, թույլ և անպետք ես, դու ճարպակալել ես և ոչ մի բանից չես կարող հրաժարվել, իսկ դա ես կեղտ եմ անվանում, որովհետև ուղղակի կեղտության է հասցնում։ Դու այնքան ես քեզ լրջացրել, որ, ճիշտն ասած, ես բոլորովին չեմ հասկանում, թե ինչպես ես կարողանում այդ բոլորով հանդերձ լավ ու նույնիսկ անձնուրաց բժիշկ լինել։ Փետրաներքնակի վրա՜ է քնում (բժիշկ է, հա՜֊հա), իսկ գիշերները վեր է կենում հիվանդին օգնության հասնելու։ Մի երեք տարի հետո դու այլևս վեր չես կենա հիվանդին այցելելու համար... Այ թե ինչ, սատանա, բանը այդ չէ. դու այսօր կգիշերես տանտիրուհու բնակարանում (նրան զոռով համոզեցի), իսկ ես խոհանոցում, ահա ձեզ հեշտությամբ ծանոթանալու առիթ։ Միայն թե ուրիշ բան մտքովդ չանցնի։ Այստեղ դրա նշույլն անգամ չկա...
— Մտքովս ամենևին էլ այդ չի անցնում։
— Նա, սիրելիս, ամոթխած է, լռակյաց, քաշվող, մոլի ողջախոհ, ու այդ բոլորով հանդերձ հա ախ ու վախ է անում, հալվում մոմի պես, ուղղակի հալվում։ Ազատիր ինձ նրանից, ի սեր աշխարհիս բոլոր սատանաների։ Շատ սիրունիկն է․․․ Կհատուցեմ, գլխովս կհատուցեմ։
Զոսիմովը է՛լ ավելի փառ֊փառ ծիծաղեց։
— Դուրս ես տալիս, էլի՛։ Նա ինչի՞ս է պետք։
— Հավատացնում եմ, գլխացավանքը քիչ կլինի, որևէ բան դուրս տուր, ինչ որ ուզենաս, միայն թե նստիր կողքին ու խոսիր։ Դու հո բժիշկ ես, սկսիր բուժել որևէ բանից։ Երդվում եմ, որ չես զզջա։ Նրա տանը դաշնամուր կա. դու հո գիտես, ես մի քիչ ծնգծնգացնում եմ. մի երգ գիտեմ, իսկական ռուսական երգ, «Աղի արցունք եմ թափում»․․․ Նա լավ երգեր է սիրում․ հա՛, բանը երգից էլ սկսվեց, դու հո դաշնամուր նվագելու մեջ վիրտուոզ ես, վարպես ես, Ռուբինշտեյն ես․․․ Հավատացնում եմ, որ չես զղջա։
— Դու նրան որևէ խոստո՞ւմ ես տվել, ինչ է։ Ստորագրությո՞ւն ես տվել։ Գուցե խոստացել ես ամուսնանալ, հա՞․․․
— Ոչ, ոչ, այդպիսի բան չկա։ Նա ամենևին էլ այդ տեսակ կին չէ, Չեբարովը փորձեց կապվել․․․
― Դե ուրեմն թող նրան։
— Ախր չի կարելի թողնել։
— Ինչո՞ւ չի կարելի։
— Այո, չի կարելի, պրծավ-գնաց, խրվել եմ, բարեկամս։
— Էլ ինչո՞ւ էիր նրան հրապուրում։
— Ես ամենևին էլ չէի հրապուրում, գուցե նույնիսկ ինքըս եմ հրապուրված իմ հիմարության պատճառով, իսկ նրա համար բոլորովին միևնույն է՝ ես լինեմ թե դու, միայն թե որևէ մեկը նստի կողքին և զբաղեցնի նրան։ Գիտե՞ս ինչ, աղբերացու... ը-ը... ո՞նց ասեմ. հա՛, դու մաթեմատիկա լավ գիտես ու հիմա էլ զբաղվում ես, դա հայտնի է ինձ... սկսիր նրա հետ ինտեգրալ հաշիվ անցնել, հոգիս վկա չեմ կատակում, լուրջ եմ ասում, նրա համար բոլորովին միևնույն է. նա կնայի քեզ և ախ ու վախ կանի, և այդպես մի ամբողջ տարի։ Ի միջի այլոց ես շատ երկար, երկու օր անընդհատ նրա հետ խոսում էի պարոնների պրուսական ապարանքների մասին (որովհետև էլ ուրիշ ի՞նչ բաների մասին կարելի է նրա հետ խոսել), հենց միայն հոգոց էր հանում և վիճում։ Սիրո մասին չխոսես, ջղաձգության չափ ամաչկոտ է, բայց և այնպես ցույց տուր, թե չես կարող նրանից հեռանալ և ուրիշ ոչինչ։ Նրա մոտ հարմարավետ է. ոնց որ քո տանը լինես, կարդա, նստիր, պառկիր, գրիր․․․ նույնիսկ կարելի է համբուրել զգուշությամբ...
— Ախր նա իմ ինչի՞ն է պետք։
— Է՛հ, ոչ մի կերպ չեմ կարողանում դա քեզ բացատրել։ Գիտե՞ս, դուք երկուսդ միանգամայն հարմար եք միմյանցդ Ես առաջ էլ այս կապակցությամբ քո մասին էի մտածում... Չէ՞ որ վերջը դու այդ ես անելու։ Վաղ թե ուշ, մի՞թե դա միևնույն չէ քեզ համար։ Այստեղ, բարեկամս, խնդիրը վերաբերում է փափլիկ փետրաներքնակին և ոչ միայն դրան։ Այստեղ հրապուրիչ բան կա․ այստեղ վերջին կայանն է, խարիսխը, խաղաղ հանգրվանը, երկրի պորտը, աշխարհիս եռաձկնային հիմքը, բիշիների, յուղալի կարկանդակների, իրիկնային ինքնաեռի, մեղմ թառանչների և տաք կոֆտաների, փափլիկ պառկելատեղերի էսենցիան, և ահա դու կարծես մեռար, բայց միևնույն ժամանակ նաև կենդանի ես՝ միանգամից երկու օգուտ։ Էհ, աղբերս, բավական դուրս տվի, քնելու ժամանակն է։ Լսիր, գիշերը ես երբեմն արթնանում եմ. կգնամ հիվանդին նայելու։ Ոչինչ, դատարկ բան է, ամեն ինչ չավ է։ Դու էլ առանձնապես մի անհանգստանա, եթե ուզենաս, մի անգամ էլ դու գնա նայելու։ Հենց որ մի բան նկատես, օրինակ՝ զառանցանք կամ տաքություն, կամ որևէ ուրիշ բան, ինձ արթնացրու։ Սակայն այդ չի լինի․․․