Changes
/* II */
== II ==
Մյուս օրը ժամը ութին Ռազումիխինը արթնացավ մտահոգված և լրջախոհ վիճակում։ Այդ առավոտ հանկարծ նրա մեջ բազմաթիվ նոր և չնախատեսված տարակուսանքներ առաջացան։ Առաջ նա չէր էլ երևակայում, որ երբևէ այդպիսի վիճակում կարթնանա։ Մինչև վերջին մանրամասնությունները նա հիշում էր ամենը, ինչ որ եղել էր նախորդ օրը, ու հասկանում էր, որ իր հետ ինչ-որ արտասովոր բան է կատարվել, որ ինքը ստացել է մինչև այժմ իրեն իսպառ անհայտ մի տպավորություն, որը նման չէ առաջվա բոլոր տպավորություններին։ Միևնույն ժամանակ նա պարզ գիտակցում էր, որ իր գլխում բռնկված երազանքը բոլորովին անիրագործելի է, այն աստիճան անիրագործելի, որ ինքը նույնիսկ ամաչեց դրանից և շուտով անցավ մյուս, ավելի կենսական հոգսերին ու տարակուսանքներին, որոնք նրան ժառանգություն էին մնացել «երիցս անիծված նախորդ օրվանից»։
Ամենասարսափելին, որ վերհիշում էր նա, դա այն էր, որ ինքը երեկ «ստոր և գարշելի էր» ոչ միայն նրանով, որ հարբած էր, այլ նրանով, որ օգտվելով աղջկա դրությունից, հիմար ու հապճեպ խանդից դրդված, նրա ներկայությամբ հայհոյում էր նրա փեսացուին, չգիտենալով ոչ միայն նրանց փոխադարձ հարաբերությունները, այլև կարգին չճանաչելով այդ մարդուն։ Եվ ինքը ի՞նչ իրավունք ուներ այդպես հապճեպ և առանց մտածելու դատողություններ անել նրա մասին և ո՞վ էր իրեն խնդրել, որ դատավոր լինի։ Մի՞թե այդպիսի աղջիկը, ինչպիսին Ավդոտյա Ռոմանովնան է, կարող է փողի համար հանձնվել անարժան մարդուն։ Ուրեմն այդ մարդն էլ արժանիքներ ունի։ Հյուրանո՞ցը։ Ախր նա ի՞նչ իմանար, որ այդ տեսակ հյուրանոց է։ Չէ՞ որ նա բնակարան է պատրաստում․․․ Թյո՛ւ, ինչպիսի՜ ստորություն է այս ամենը։ Եվ ի՞նչ արդարացում է դա, որ ինքը հարբած էր։ Հիմար պատրվակ, որ իրեն է՛լ ավելի է ստորացնում։ Գինու մեջ ճշմարտություն կա, և ահա այդ ճշմարտությունը ամբողջովին արտահայտվեց, «այսինքն՝ արտահայտեց իր նախանձոտ, կոպիտ սրտի, ամբողջ կեղտը»։ Եվ մի՞թե իրեն, Ռազումիխինին, գեթ որևէ չափով թույլատրելի է այդպիսի երազանք։ Ո՞վ է ինքը այդպիսի աղջկա համեմատությամբ, ինքը, երեկվա հարբած խելառը և պարծենկոտը։ «Մի՞թե հնարավոր է այդպիսի ցինիկ և ծիծաղելի համեմատությունը»։ Ռազումիխինը թունդ կարմրեց այդ մտքից ու հանկարծ հակառակի պես հենց այդ ակնթարթում պարզ վերհիշեց, թե ինչպես երեկ սանդուղքի վրա նրանց ասել էր, որ տանտիրուհին իրեն կխանդի Ավդոտյա Ռոմանովնային... այդ արդեն անտանելի էր։ Նա բռունցքով ուժգնությամբ խփեց խոհանոցի վառարանին, վնասեց ձեռքը և դուրս գցեց աղյուսներից մեկը։
«Իհարկե,— մի րոպե անց ինքնաստորացման ինչ֊որ զգացումով փնթփնթում էր նա քթի տակ,— իհարկե, ոչ հիմա, ոչ էլ երբևէ հնարավոր չէ քավել ու արդարացնել այդ բոլոր գարշելիությունները... Հետևաբար կարիք էչ չկա մտածել այդ մասին, ուստի և պետք է ներկայանամ լուռ և... կատարեմ պարտականություններս... նույնպես լուռ և... ներողություն չխնդրեմ, ոչինչ չասեմ և... և իհարկե, հիմա ամեն ինչ կորած է»։
Այնուամենայնիվ հագնվելիս նա սովորականից ավելի մանրակրկիտորեն զննեց իր կոստյումը։ Ուրիշ կոստյում չուներ, իսկ եթե ունենար էլ, գուցե և չհագներ, «դիտմամբ չէի հաgնի»։ Բայց, համենայն դեպս, չի կարելի ցինիկ լինել, կեղտոտ ու փնթի մնալ, նա իրավունք չունի վիրավորելու ուրիշների զգացմունքները, մանավանդ որ նրանք, այդ ուրիշները իր կարիքն են զգում և իրենք են նրան իրենց մոտ կանչում։ Նա խոզանակով մանրակրկիտորեն մաքրեց հագուստը։ Սպիտակեղենը միշտ էլ հանդուրժելի էր լինում, այդ կողմից նա առանձնապես մաքրասեր էր։
Այդ առավոտ նա խնամքով լվացվեց։ Նաստասյայից օճառ վերցնելով, լվաց մազերը, պարանոցը և մանավանդ ձեռքերը։ Իսկ երբ հարց ծագեց՝ արդյո՞ք պետք է սափրվել, թե՞ ոչ (Պրասկովյա Պավլովնայի մոտ կային հիանալի ածելիներ, որոնք մնացել էին հանգուցյալ պարան Զարնիցինի մահից հետո), ապա այդ հարցը իսկույն լուծվեց բացասական իմաստով. «Թող մորուքս այսպես էլ մնա, թե չէ կմտածեն, որ սափրվել եմ... դուր գալու համար։ Ոչ մի դեպքում չեմ սափրվի»։
«Եվ... որ գլխավորն է, ես այնպե՜ս կոպիտ եմ, կեղտոտ, վարվեցողությունս պանդոկային է և... և ասենք թե ես գիտեմ, որ ինքս էլ հո մի քիչ կարգին մարդ եմ... բայց այստեղ ի՞նչ կա հպարտանալու, որ կարգին մարդ եմ։ Ամեն մեկը պետք է կարգին մարդ լինի, ու դեռ դրանից էլ ավելի, և... և այնուամենայնիվ (ես այդ հիշում եմ) ես էլ այնպիսի բաներ եմ արել, որոնք թեպետև անպատվաբեր չեն, բայց և այնպես... Հապա ինչպիսի՜ մտածմունքներով եմ տարվել։ Հը՛մ... և այս ամենը արի ու համեմատիր Ավդոտյա Ռոմանովնայի հետ։ Էհ, գրողը տանի, թող այդպես լինի։ Հենց դիտմամբ կլինեմ այսպես կեղտոտ, պանդոկային, ու թքած ամեն բանի վրա, է՛լ ավելի այսպես կլինեմ...»
Ռազումիխինը այսպիսի մենախոսություններով էր տարված, երբ ներս մտավ Զոսիմովը, որը գիշերել էր Պրասկովյա Պավլովնայի բնակարանում, դահլիճում։
Նա տուն էր գնալու և մինչ այդ շտապեց նայել հիվանդին։ Ռազումիխինը նրան ասաց, որ հիվանդը արջամկան պես քնած է։ Զոսիմովը կարգադրեց չարթնացնել, մինչև որ հիվանդը ինքը արթնանա։ Խոստացավ գալ տասնմեկին։
— Եթե միայն նա տանը լինի,— ավելացրեց Զոսիմովը։
— Փո՛ւ, գրողը տանի, իմ հիվանդը ինձ չի ենթարկվում, դե արի ու բուժիր։ Չգիտես, ''սա՞'' է գնալու նրանց մոտ, թե՞ ''նրանք'' են այստեղ գալու։
— Ես կարծում եմ, որ նրանք, իհարկե, կխոսեն իրենց ընտանեկան գործերի մասին,— պատասխանեց Ռազումիխինը հասկանալով հարցի նպատակը։ Ես կգնամ։ Հասկանալի է, որ դու, որպես բժիշկ, ավելի շատ իրավունքներ ունես, քան թե ես։
— Ես հո խոստովանահայր չե՞մ․ կգամ ու կգնամ, առանց այդ էլ շատ գործեր կան։
— Ինձ մի բան է անհանգստացնում,— նոթերը կիտելով ընդհատեց Ռազումիխինը,— երեկ ես նրա հետ տուն գալու ժամանակ ճանապարհին զանազան հիմարություններ դուրս տվի... այլ և այլ բաներ... Ի միջի այլոց ասացի, որ դու վախենում ես, թե իբր նա... հակված է խելագարության...
— Դու կանանց մոտ էլ երեկ այդպիսի բան դուրս տվիր։
— Գիտեմ, որ դա հիմարություն էր. ուզում ես խփիր։ Բայց ասա, արդյո՞ք այդ մասին դու մի որևէ հաստատուն միտք ես ունեցել։
— Ասում եմ՝ դա անհեթեթություն է, ի՞նչ հաստատուն միտք։ Դու ինքդ էիր նրան նկարագրում իբրև մենամոլի, երբ ինձ նրա մոտ էիր բերում... Հըմ, մենք ինքներս երեկ կրակի վրա յուղ լցրինք, այսինքն՝ դու այդպես վարվեցիր ներկարարի մասին քո պատմածներով... Լա՜վ խոսակցություն է, երբ գուցե նա ինքը դրանից է խելքը թռցրել։ Օ, եթե ես ստույգ գիտենայի, թե այն ժամանակ ինչ էր կատարվել ոստիկանության գրասենյակում և ինչպես մի ոմն սրիկա այդ կասկածանքով վիրավորել էր նրան... Հը՛մ... Երեկ այդպիսի խոսակցություն թույլ չէի տա։ Ախր, այդ մենամոլները կաթիլը օվկիանոս են դարձնում, չեղած բաներ են մոգոնում... Որքան ես հիշում եմ, երեկ Զամետովի պատմածից ինձ համար պարզվեց գործի կեսը։ Եվ ի՞նչ։ Ես մի դեպք գիտեմ, թե ինչպես քառասունամյա մի հիպոխոնդրիկ, անկարող լինելով տանել ութ տարեկան մի տղայի ամենօրյա ծաղրանքները սեղանի շուրջը, մորթեց նրան։ Իսկ այստեղ, ամբողջովին ցնցոտիապատի մեկը, թաղամասի լկտի հսկիչը, սկսված հիվանդությունը և այդպիսի կասկածա՜նք։ Ջղագրգիռ հիպոխոնդրիկի մա՜սին։ Կատաղի, բացառիկ սնափառությամբ հանդե՜րձ։ Գուցե և հենց այստեղ է հիվանդության ամբողջ մեկնակետը։ Էհ, գրողը տանի... Ի միջի այլոց այդ Զամետովը իրոք հաճելի տղա է, միայն թե․․․ հը՛մ․․․ երեկ իզուր պատմեց այդ ամենը։ Սարսափելի շատախոս է։
— Ո՞ւմ է պատմել որ։ Ինձ ու քեզ։
— Նաև Պորֆիրիին։
— Հետո ի՞նչ, որ նրան էլ է պատմել։
— Հա՛, դու որևէ ազդեցություն ունե՞ս նրանց՝ մոր և քրոջ վրա։ Այսօր պետք է զգույշ վարվել հիվանդի հետ։
— Նրանք իրար հետ համաձայնության կգան,— դժկամ պատասխանեց Ռազումիխինը։
— Ինչո՞ւ է Ռոդյան այդպես հարձակվում Լուժինի վրա, Լուժինը հո փողով մարդ է, աղջկա համար էլ կարծես թե զզվելի չէ... ու չէ՞ որ նրանք ոչինչ չունեն։
— Էլ ի՞նչ ես խոսք դուրս քաշում,— ջղայնացած գոչեց Ռազումիխինը,— ես ի՞նչ իմանամ, ունեն, թե չունեն։ Ինքդ հարցրու, գուցե և իմանաս...
— Փո՛ւ, ղու երբեմն ինչքա՜ն հիմար ես լինում։ Երեկվա հարբածությունդ դեռ չի անցել... Ցտեսություն, քո Պրասկովյա Պավլովնային իմ կողմից շնորհակաւություն հայտնիր գիշերելու համար։ Փակվեց իր սենյակում, դռան ետևից էլ չպատասխանեց իմ բարևին, ժամը յոթին էր վեր կացել, նրա համար խոհանոցից, միջանցքով ինքնաեռ տարան․․․ Ես չարժանացա նրա երեսը տեսնելուն...
Ժամը ուղիղ իննին Ռազումիխինը մտավ Բակալեևի հյուրանոցը։ Մայր ու աղջիկ վաղուց հիստերիկ անհամբերությամբ սպասում էին նրան։ Նրանք վեր էին կացել ժամը յոթից կամ նույնիսկ ավելի վաղ։ Ռազումիխինը ներս մտավ գիշերվա պես մթնած դեմքով, անհարմար գլուխ տվեց, որի համար իսկույն բարկացավ, իհարկե, ինքն իր վրա։ Ասես գլուխը տեղը չէր։ Պույլխերիա Ալեքսանդրովնան անմիջապես նետվեց նրա կողմը, վերցրեց նրա ձեռքերը և քիչ մնաց դրանք համբուրեր։ Ռազումիխինը երկչոտ նայեց Ավդոտյա Ռոմանովնա յին. բայց վերջինիս գոռոզ դեմքին էլ այդ րոպեին երախտագիտության ու բարեկամության այնպիսի արտահայտություն կար, այնպիսի լիակատար և Ռազումիխինի համար անսպասելի հարգանք էր նկատվում (հեգնական հայացքների և ակամա, վատ թաքցրած արհամարհանքի փոխարեն), որ նա իրեն ավելի լավ կզգար, եթե իրեն նախատինքով ընդունեին, թե չէ նա իրեն խիստ անհարմար զգաց։ Բարեբախտաբար խոսակցության համար պատրաստի թեմա կար, և նա իսկույն ևեթ կառչեց այդ թեմայից։
Լսելով, որ «դեռ չի արթնացել, բայց ամեն ինչ հիանալի է», Պույլխերիա Ալեքսանդրովնան հայտարարեց, որ դա շատ լավ է, որ «իրեն խիստ, շատ խիստ հարկավոր է նախապես խոսել նրա մասին»։ Հետևեց թեյի հարցը և այն միասին խմելու հրավերը, նրանք դեռ թեյ չէին խմել սպասելով Ռազումիխինին։ Ավդոտյա Ռոմանովնան զանգահարեց, հայտնվեց կեղտոտ, ցնցոտիավոր սպասավորը, ու նրան հրամայվեց թեյ բերել, որը, վերջապես, մատուցվեց, բայց այնպիսի կեղտոտ պարագաներով և այնպես անվայելուչ, որ կանայք ամաչեցին։ Ռազումիխինը փորձեց տաքացած վատաբանել հյուրանոցը, բայց, հիշելով Լուժինին, լռեց, շփոթվեց ու խիստ ուրախացավ, երբ Պույլխերիա Ալեքսանդրովնան, վերջապես, սկսեց անընդհատ իրար ետևից հարցեր տալ։
Պատասխանելով հարցերին, Ռազումիխինը խոսեց երեք քառորդ ժամ։ Նրան շարունակ ընդհատում և նորանոր հարցեր էին տալիս։ Նա կարողացավ հաղորդել Ռոդյոն Ռոմանովիչի կյանքի վերջին տարվա իր գիտեցած բոլոր գլխավոր ու կարևոր փաստերը՝ վերջում հանգամանորեն պատմելով նրա հիվանդության մասին։ Սակայն նա շատ բան բաց թողեց, ինչ որ անտեղի էր համարում, ի միջի այլոց ոչինչ չասաց ոստիկանության գրասենյակում տեղի ունեցած դեպքի և դրա բոլոր հետևանքների մասին։ Նրա պատմածը ագահությամբ էին լսում, բայց երբ նա մտածում էր, որ արդեն վերջացրել է ու բավարարել իր ունկնդիրներին, բանից դուրս եկավ, որ նրանց համար ինքը կարծես գեռ չի էլ սկսել իր պատմությունը։
— Ասացեք, ասացեք ինձ, ի՞նչ է ձեր կարծիքը... ա՛խ, ներեցեք, ես մինչև հիմա դեռ չգիտեմ ձեր անունը,— հապճեպորեն վրա էր տալիս Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Դմիտրի Պրոկոֆիչ։
— Հա՛, Դմիտրի Պրոկոֆիչ, ես շատ, շատ կուզենայի իմանալ... թե առհասարակ... նա այժմ ինչպես է նայում իրերին, այսինքն, հասկացեք ինձ, ինչպես ասեմ ձեզ, այսինքն՝ ավելի լավ է ասել, թե նա ինչ է սիրում և ինչ չի սիրում։ Արդյո՞ք նա միշտ այդպես ջղայնոտ է։ Ի՞նչ ցանկություններ ունի և, այսպես ասած, ինչպիսի՞ երազանքներով է տարվում, ասեք, եթե կարելի է։ Հիմա հատկապես ի՞նչն է առանձնահատուկ ազդեցություն թողնում նրա վրա։ Մի խոսքով, ես կցանկանայի...
— Ա՛խ, մայրիկ, ինչպե՜ս կարելի է միանգամից պատասխանել այդ բոլոր հարցերին,— միջամտեց Դունյան։
— Ա՛խ, աստված իմ, ես բոլորովին չէի սպասում, որ նրան կհանդիպեմ այդպիսի վիճակում, Դմիտրի Պրոկոֆիչ։
— Այդ միանգամայն բնական է,— պատասխանեց Դմիտրի Պրոկոֆիչը։— Ես մայր չունեմ, հորեղբայրս ամեն տարի գալիս է այստեղ և համարյա ամեն անգամ ինձ չի ճանաչում նույնիսկ իմ արտաքինից, իսկ նա խելոք մարդ է. ձեր անջատման երեք տարում շատ ջուր է հոսել։ Էհ, ի՞նչ ասեմ ձեզ. մեկ և կես տարի է, որ ես ճանաչում եմ Ռոդյոնին. մռայլ է, նոթոտ, գոռոզ ու հպարտ, վերջին ժամանակներս կասկածամիտ է ու մելամաղձոտ (գուցե առաջ էլ այդպես է եղել)։ Մեծահոգի է և բարի։ Չի սիրում իր զգացմունքները արտահայտել և ավելի շուտ դաժանություն կանի, քան բաց կանի սիրաը։ Սակայն երբեմն ամենևին էլ մելամաղձոտ չի լինում, այլ անմարդկայնության չափ սառնություն և անզգայություն է ցուցաբերում, իրավ, կարծես նրա մեջ երկու հակադիր բնավորություններ են հերթափոխվում։ Երբեմն խիստ սակավախոս է. շարունակ ժամանակ չունի, շարունակ իբր թե խանգարում են նրան, իսկ ինքը պառկում է, ոչինչ չի անում։ Ծաղրասեր չէ, և դա ոչ այն պատճառով, որ պակասում է սրամտությունը, այլ այն պատճառով, որ կարծես ժամանակ չունի այդպիսի դատարկ բաների համար։ Ինչ որ ասում են, մինչև վերջը չի լսում։ Երբեմն չի հետաքրքրվում այն ամենով, ինչով բոլորը հետաքրքրվում են տվյալ րոպեին։ Իրեն շատ բարձր է գնահատում ու կարծես թե դրա համար որոշ իրավունք ունի։ Էլ ի՞նչ ասեմ... Ինձ թվում է, որ ձեր գալուստը նրա վրա փրկարար ազդեցություն կունենա։
— Ա՛խ, տա՛ աստված,— գոչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան, որին տանջում էր Ռազումիխինի կարծիքը նրա Ռոդյայի մասին։
Ռազումիխինը, վերջապես, ավելի զվարթ նայեց Ավդոտյա Ռոմանովնային։ Խոսակցության ժամանակ նա աղջկան նայում էր հաճախ, բայց անցողակի, միայն մի ակնթարթ, ու իսկույն շուռ էր տալիս հայացքը։ Ավդոտյա Ռոմանովնան մերթ նստում էր սեղանի մոտ և ուշադրությամբ ունկնդրում, մերթ նորից վեր էր կենում և սկսում էր ըստ իր սովորության քայլել անկյունից անկյուն, ձեռքերը խաչաձև կրծքին ծալած, շրթունքները սեղմած, երբեմն հարց էր տալիս առանց քայլերը ընդհատելու, մտազբաղ։ Նա էլ սովորություն ուներ մինչև վերջը չլսել, ինչ որ ասում էին։ Նա հագել էր բարակ գործվածքից կարած ինչ֊որ մուգ շրջազգեստ, պարանոցին սպիտակ, թափանցիկ շարֆ էր կապել։ Ռազումիխինը ըստ շատ նշանների նկատեց, որ մայրն ու աղջիկը չափազանց աղքատ են ապրում։ Եթե Ավդոտյա Ռոմանովնան հագնված լիներ թագուհու պես, Ռազումիխինը երևի նրանից բնավ չվախենար. իսկ հիմա թերևս այն պատճառով, որ աղջիկը աղքաաիկ հագուստով էր, և նա, Ռազումիխինը, նկատել էր աղքատության այդ բոլոր նշանները, նրա սիրտը երկյուղ զգաց, և նա սկսեց վախենալ իր յուրաքանչյուր խոսքի, յուրաքանչյուր շարժման համար, մի բան, որը, իհարկե, ճնշող էր առանց այն էլ ինքն իրեն չվստահող մարդու համար։
— Դուք շատ հետաքրքիր բաներ ասացիք եղբորս բնավորության մասին և... անաչառ կերպով ասացիք։ Այդ լավ է. ես կարծում էի, որ դուք պատկառանքով եք վերաբերվում նրան,— ժպտալով ասաց Ավդոտյա Ռոմանովնան։— Թրվում է, որ ճիշտ է նաև այն, որ նրա կողքին պետք է կին լինի,— մտազբաղ ավելացրեց նա։
— Ես այդ չասացի, սակայն դուք գուցե և դրանում էլ իրավացի եք, միայն թե...
― Ի՞նչ,
― Չէ՞ որ նա ոչ ոքի չի սիրում, գուցե և երբեք չսիրի,— կտրուկ ասաց Ռազումիխինը։
— Այսինքն՝ ընդունակ չէ՞ սիրելու։
— Գիտե՞ք, Ավդոտյա Ռոմանովնա, դուք խիստ նման եք ձեր եղբորը, նույնիսկ ամեն ինչով,— հանկարծ իր համար էլ անսպասելի կերպով բերնից թռցրեց Ռազումիխինը, բայց հիշելով այն, ինչ որ քիչ առաջ ասել էր նրա եղբոր մասին, թունդ կարմրեց և խիստ շփոթվեց։ Նայելով նրան, Ավդոտյա Ռոմանովնան չէր կարող չծիծաղել։
— Ռոդյայի վերաբերյալ դուք երկուսդ էլ կարող եք սխալվել,— վրա բերեց մի փոքր վիրավորված Պույլխերիա Ալեքսանդրովնան։— Ես նրա այժմյան վիճակի մասին չեմ խոսում, Դունեչկա։ Ինչ որ գրում է Պյոտր Պետրովիչը իր նամակում... և ինչ որ ես ու դու ենթադրում էինք, գուցե և ճիշտ չէ, բայց դուք չեք կարող երևակայել, Դմիտրի Պրոկոֆիչ, թե որքան նա ֆանտաստիկ է և, ինչպե՞ս ասեմ, քմահաճ է։ Ես երբեք չէի կարողանում վստահել նրա բնավորությանը, նույնիսկ երբ նա դեռ տասնհինգ տարեկան էր։ Ես հավատացած եմ, որ հիմա էլ նա հանկարծ իրեն մի որևէ այնպիսի բան կանի, որը երբեք և ոչ մի մարդու մտքովն էլ չի անցնի... Հեռու չգնանք, արդյոք հայտնի՞ է ձեզ, թե ինչպես նա մեկ ու կես տարի առաջ ինձ ապշեցրեց, հուզեց և համարյա բոլորովին ուժասպառ արեց, երբ խելքին փչել էր ամուսնանալ այն․․․֊ը֊ը... ո՞նց է անունը... այն Զարնիցինայի, իր տանտիրուհու աղջկա հետ։
— Դուք որևէ մանրամասն բան գիտե՞ք այդ պատմության մասին,— հարցրեց Ավդոտյա Ռոմանովնան։
— Դուք կարծում եք այն ժամանակ նրան կկասեցնեի՞ն իմ արցունքները, իմ խնդրանքնեքը, իմ հիվանդությունը, գուցե և վշտից իմ մեռնելը, մեր աղքատությունը,— տաքացած շարունակեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։— Հանգիստ կերպով կհաղթահարեր բոլոր խոչընդոտները։ Եվ մի՞թե նա, մի՞թե նա մեզ չի սիրում։
— Նա ինձ երբեք և ոչինչ չի ասել այդ պատմության մասին,— զգույշ պատասխանեց Ռազումիխինը,— բայց ես որոշ բան լսել եմ հենց տիկին Զարնիցինայից, որը նույնպես յուրատեսակ սակավախոս է, ու ինչ որ լսել եմ, թերևս մի քիչ նույնիսկ տարօրինակ է...
— Իսկ ի՞նչ, ի՞նչ եք լսել,— միանգամից հարցրին մայրն ու աղջիկը։
— Սակայն այնքան էլ մի առանձին բան չկա։ Ես միայն իմացել եմ, որ այդ ամուսնությունը այնքան էլ տիկին Զարնիցինայի սրտովը չէր, թեև արդեն կարգավորված էր և չկայացավ միայն հարսնացուի մահվան պատճառով... բացի դրանից, ասում են, որ հարսնացուն նույնիսկ սիրուն էլ չէր, ասում են, որ նույնիսկ տգեղ էր... հիվանդոտ և... տարօրինակ... Սակայն կարծես թե որոշ արժանիքներ ուներ։ Անպայման պետք է ինչ-որ արժանիքներ լինեին․ այլապես ոչինչ չի կարելի հասկանալ․․․ Չկար նաև ոչ մի օժիտ, ասենք Ռոդյան հույս էլ չէր դնի օժիտի վրա... Առհասարակ դժվար է դատել այդպիսի գործի մասին։
— Ես հավատացած եմ, որ աղջիկը արժանավոր է եղել,— կարճ ասաց Ավդոտյա Ռոմանովնան։
— Աստվա՛ծ ներե ինձ, այն ժամանակ նրա մահը ինձ ուրախացրեց, թեև չգիտեմ, թե նրանցից որն էր մյուսին կործանելու, տղա՞ն աղջկան, թե՞ աղջիկը տղային,— եզրափակեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։ Այնուհետև կրկին սկսեց զգուշությամբ, ընդմիջումներով հարցեր տալ Ռոդյայի և Լուժինի միջև նախորդ օրը եղած վեճի մասին, անընդհատ նայելով Դունյային, որ ակներևաբար հաճելի չէր վերջինիս։ Այդ միջադեպը ըստ երևույթին առավելապես, վախեցնելու և հուզելու չափ անհանգստացնում էր նրան։ Ռազումիխինը նորից մանրամասն պատմեց ամեն ինչ, բայց այս անգամ ավելացրեց նաև իր եզրակացությունը, նա ուղղակի մեղադրեց Ռասկոլնիկովին, դիտավորյալ կերպով Պյոտր Պետրովիչին վիրավորելու համար՝ այս անգամ դա շատ քիչ արդարացնելով Ռասկոլնիկովի հիվանդությամբ։
— Նա դեռ մինչև հիվանդությունն էր այդպես մտադրվել,— ավելացրեց Ռազումիխինը։
— Ես էլ եմ այդպես կարծում,— տխրադեմ ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։ Բայց նա խիստ զարմացավ, որ Ռազումիխինը Պյոտր Պետրովիչի մասին այս անգամ այդպես զգույշ և նույնիսկ կարծես թե հարգանքով արտահայտվեց։ Ավդոտյա Ռոմանովնան նույնպես զարմացավ։
— Ահա թե դուք ինչ կարծիքի եք Պյոտր Պետրովիչի մասին,— չկարողացավ չասել Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Ձեր դստեր ապագա ամուսնու մասին ես չեմ կարող ուրիշ կարծիք ունենալ,— կտրուկ և ջերմորեն պատասխանեց Ռազումիխինը,— և սա ասում եմ ոչ թե գռեհիկ քաղաքավարությունից դրդված, այլ որովհետև․․․ որովհետև... նկատի ունեմ թեկուզ միայն այն, որ Ավդոտյա Ռոմանովնան ինքը իր կամքով է ընտրել այդ մարդուն։ Իսկ եթե ես երեկ վատաբանում էի Լուժինին, այդ նրանից էր, որ ես երեկ այլանդակ հարբած էի, և... խելքս գլխիս չէր․ այո, խելքս թռել էր, գլուխս իր տեղը չէր, բոլորովին գժվել էի... ու այսօր ամաչում եմ դրանից...— Ռազումիխինը կարմրեց ու լռեց։ Ավդոտյա Ռոմանովնան շիկնեց, բայց չընդհատեց լռությունը։ Նա ոչ մի բառ չէր ասել այն րոպեից, երբ խոսք եղավ Լուժինի մասին։
Այնինչ Պույլխերիա Ալեքսանդրովնան ըստ երևույթին սիրտ չէր անում խոսել առանց նրա աջակցության։ Վերջապես, կմկմալով ու անընդհատ նայելով աղջկան, նա հայտարարեց, որ իրեն մի ինչ֊որ հանգամանք է խիստ մտահոգում։
— Գիտե՞ք ինչ, Դմիտրի Պրոկոֆիչ,— ասաց նա,— ես ձեզ հետ միանգամայն անկեղծ կլինեմ։ Ի՞նչ կասես, Դունեչկա։
— Իհարկե, այդպես էլ հարկավոր է, մայրիկ,― հավանություն տվեց Ավդոտյա Ռոմանովնան։
― Ահա թե ինչ է բանը,— հապճեպ շարունակեց մայրը, կարծես նրա ուսից մի ծանր բեռ վերցրին, թույլ տալով հաղորդել իր վիշտը։— Այսօր, շատ վաղ, մենք Պյոտր Պետրովիչից նամակ ստացանք, իբրև պատասխան մեր ժամանելու վերաբերյալ երեկվա մեր ծանուցման։ Գիտե՞ք, նա խոստացել էր մեզ դիմավորել հենց կայարանում։ Մեզ դիմավորելու համար նրա փոխարեն կայարան էր ուղարկվել մի ինչ֊որ սպասավոր, որը մեզ պետք է բերեր այս հյուրանոցը, իսկ Պյոտր Պետրովիչը հրամայել էր հաղորդել, որ ինքը այստեղ, մեզ մոտ կգա այսօր առավոտյան։ Դրա փոխարեն այսօր առավոտյան նրանից ստացվեց ահա այս նամակը... Ավելի լավ է՝ սա դուք ինքներդ կարդացեք, այստեղ կա մի հարց, որը ինձ շատ է անհանգստացնում... դուք հիմա կիմանաք, թե այդ ինչ հարց է, և․․․ կասեք մեզ ձեր անկեղծ կարծիքը, Դմիտրի Պրոկոֆիչ։ Դուք բոլորից ավելի լավ գիտեք Ռոդյայի բնավորությունը և բոլորից ավելի լավ կարող եք խորհուրդ տալ։ Նախազգուշացնում եմ ձեզ, որ Դունեչկան արդեն միանգամից որոշել է ամեն ինչ, բայց ես, ես դեռ չգիտեմ ինչպես վարվել և... ձեզ էի սպասում։
Ռազումիխինը բացեց նախորդ օրը գրված նամակը և կարդաց հետևյալը.
«Հարդելի տիկին Պույլխերիա Ալեքսանդրովնա, պատիվ ունեմ ձեզ հայտնելու, որ անսպասելիորեն առաջացած խոչընդոտների պատճառով չկարողացա ձեզ դիմավորել կայարանում, այդ նպատակով այնտեղ ուղարկելով բավականաչափ ճարպիկ մի մարդու։ Ձեզ հետ տեսնվելու պաավից ինձ զրկում եմ նաև վաղը առավոտյան, սենատում անհետաձգելի գործեր ունենալու պատճառով և չուզենալով խանգարել ձեր ազգակցական տեսակցությանը ձեր որդու հետ և Ավդոտյա Ռոմանովնայի տեսակցությանը իր եղբոր հետ։ Պատիվ կունենամ ձեզ այցելել և ձեզ ողջունել ձեր բնակարանում ոչ այլ կերպ, քան վաղը երեկոյան՝ ուղիղ ժամը ութին, ըստ որում համարձակվում եմ ավելացնել իմ կտրուկ և սրան ավելացնում եմ՝ թախանձագին խնդրանքը, որ մեր ընդհանուր տեսակցության ժամանակ Ռոդյոն Ռոմանովիչը ներկա չլինի, որովհետև երեկ, երբ ես այցելեցի նրան, հիվանդին, նա անօրինակ և անքաղաքավարի կերպով վիրավորեց ինձ և բացի դրանից, ես պետք է անձամբ ձեզ հետ անհրաժեշտ է հանգամանալից խոսակցություն ունենամ ձեզ հայտնի խնդրի շուրջ, որի վերաբերյալ ցանկանում եմ իմանալ ձեր սեփական մեկնաբանությունը։ Ընդսմին, պատիվ ունեմ նախապես հայտնելու, որ եթե խնդրանքիս հակառակ հանդիպեմ Ռոդյոն Ռոմանովիչին, ապա ստիպված պիտի լինեմ անհապաղ հեռանալ, և այդ դեպքում ինքներդ մեղադրեք ձեզ։ Գրում եմ այն ենթադրությամբ, որ Ռոդյոն Ռոմանովիչը, որը իմ այցելության ժամանակ խիստ հիվանդ էր թվում, երկու ժամ հետո հանկարծ առողջացավ, հետևաբար դուրս գալով տանից, կարող է և ձեզ մոտ գալ։ Դրանում համոզվել եմ անձամբ, կառքի տակ ընկած և դրանից մեռած մի հարբեցողի բնակարանում, որի աղջկան, վատ վարքի տեր աղջկան, թաղման պատրվակով, նա երեկ տվեց մոտ քսանհինգ ռուբլի, մի բան, որ խիստ զարմացրեց ինձ, քանի որ գիտեի, թե դուք ինչպիսի դժվարություններով էիք հավաքել այդ գումարը։ Ընդսմին հավաստում եմ առանձին հարգանքս մեծարգո Ավդոտյա Ռոմանովնային, խնդրում եմ ընդունել իմ հարգալից նվիրվածության զգացմունքները։
Ձեր խոնարհ ծառա՝ ''Պ. Լուժին''»:
— Լիմա ես ի՞նչ անեմ, Դմիտրի Պրոկոֆիչ,— համարյա լալով ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։— Ինչպե՞ս առաջարկեմ Ռոդյային, որ չգա։ Երեկ նա համառորեն պահանջում էր ձեռք քաշել Պյոտր Պետրովիչից, իսկ հիմա պատվիրում են չընդունել նրան։ Նա հո դիտմամբ կգա, երբ իմանա այս բոլորը, և այդ դեպքում ի՞նչ կլինի...
— Վարվեցեք այնպես, ինչպես որոշել է Ավդոտյա Ռոմանովնան,— անմիջապես և հանգիստ պատասխանեց Ռազումիխինը։
— Ա՛խ, աստված իմ, նա ասում է... աստված գիտե, թե նա ինչ է ասում և ինձ չի բացատրում նպատակը։ Նա ասում է, որ ավելի լավ կլինի, այսինքն՝ ոչ թե ավելի լավ կլինի, այլ մի ինչ֊որ բանի համար իբր թե անպայման հարկավոր է, որ Ռոդյան էլ դիտմամբ գա այսօր ժամը ութին, և նրանք անպայման հանդիպեն․․․ Իսկ ես չէի էլ ուզում նամակը ցույց տալ նրան, ուզում էի ձեր միջոցով, խորամանկությամբ մի կերպ այնպես անել, որ նա չգա... որովհետև նա այնպե՜ս ջղայնոտ է... Ես ոչինչ էլ չեմ հասկանում, թե այդ ինչ հարբեցող է մեռել և այդ ինչ աղջիկ է, և Ռոդյան ինչպես կարող էր այդ աղջկան տալ բոլոր վերջին փողերը․․․ որոնք․․․
— Որոնք այնքա՜ն թանկ էին նստել ձեր վրա, մայրիկ,— ավելացրեց Ավդոտյա Ռոմանովնան։
— Երեկ նա ինքն իրեն կորցրել էր,— մտազբաղ ասաց Ռազումիխինը։— Գիտե՞ք, թե նա երեկ ինչեր արեց պանդոկում, թեպետև խելացի էր վարվում... Հը՛մ, մի ինչ֊որ մեռելի և ինչ֊որ աղջկա մասին նա իրոք խոսում էր երեկ, երբ մենք տուն էինք գնում, բայց ես ոչինչ չհասկացա... Ասենք ես ինքս էլ երեկ․․․
— Մայրիկ, ավելի լավ է մենք գնանք նրա մոտ, հավատացնում եմ ձեզ, այնտեղ իսկույն կտեսնենք, թե ինչ պետք է անել։ Արդեն ժամանակն է, տեր աստված, ժամը տասնմեկն է,— գոչեց Ավդոտյա Ռոմանովնան՝ նայելով իր հիանալի, ոսկե, էմալով ժամացույցին, որ վենետիկյան բարալիկ շղթայով կախված էր վզից և բնավ չէր համապատասխանում իր հագուստին։ «Փեսացուի նվերն է»,— մտածեց Ռազումիխինը։
— Ախ, ժամանակն է․․․ ժամանակն է, Դունեչկա,— անհանգստացավ Պույլխերիա Ալեքսանդրովնան,— նա կկարծի թե մենք երեկվանից բարկացած ենք իր վրա և դրա համար էլ այսքան երկար ժամանակ չենք գնում։ Ա՛խ, աստվա՜ծ իմ։
Այս ասելով, նա հապճեպորեն հագնում էր թիկնոցը և գնում գլխարկը։ Դունեչկան նույնպես հագնվեց։ Նրա ձեռնոցները ոչ միայն հնամաշ, այլև նույնիսկ պատառոտված էին։ Ռազումիխինը այդ նկատեց, այնինչ հագուստի այդ ակնբախ աղքատությունը նույնիսկ մի ինչ֊որ առանձին արժանիքի տեսք էր տալիս մորն ու աղջկան, մի բան, որ հատուկ է այն մարդկանց, ովքեր կարողանում են աղքատ, բայց վայելուչ հագնվել։ Ռազումիխինը խորին հարգանքով էր նայում Դունեչկային և հպարտանում էր, որ ուղեկցելու է նրան։ «Այն թագուհին, որը բանտում իր գուլպաներն էր կարկատում, իհարկե, այդ րոպեին իսկական թագուհու և նույնիսկ է՛լ ավելի պատշաճավոր տեսք ուներ, քան ամենաճոխ հանդեսների և արարողությունների ժամանակ», մտածում էր Ռազումիխինը։
— Աստված իմ,— գոչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան,— մի՞թե մտքովս կանցներ, որ պիտի վախենամ որդուս, իմ սիրելի, սիրելի Ռոդյայի հետ տեսնվելուց, ինչպես որ վախենում եմ հիմա... Ես վախենում եմ, Դմիտրի Պրոկոֆիչ,— ավելացրեց նա՝ երկչոտ նայելով Ռազումիխինին։
— Մի վախենաք, մայրիկ,— ասաց Դունյան՝ համբուրելով մորը,— ավելի լավ է հավատացեք նրան։ Ես հավատում եմ։
— Ախ, աստված իմ, ես էլ եմ հավատում, իսկ գիշերը բոլորովին չքնեցի,— գոչեց խեղճ կինը։
Նրանք դուրս եկան հյուրանոցից։
— Գիտե՞ս, Դունեչկա, հենց որ առավոտյան դեմ ես մի քիչ քնեցի, հանկարծ երազումս տեսա հանգուցյալ Մարֆա Պետրովնային... ամբողջովին ճերմակ հագուստով... մոտեցավ ինձ, վերցրեց ձեռքս, օրորեց գլուխը, նայեց այնպես, այնպես խիստ, ասես պարսավում էր ինձ... Մի՞թե սա վատ նշան չէ։ Ախ, աստված իմ, դուք, Դմիտրի Պրոկոֆիչ, դեռ չգիտեք, Մարֆա Պետրովնան մեռել է։
— Ոչ, չգիտեմ, ի՞նչ Մարֆա Պետրովնա։
— Հանկարծամահ է եղել, և երևակայեցեք...
— Հետո, մայրիկ,— միջամտեց Դունյան,— չէ՞ որ նա չգիտե, թե ով է Մարֆա Պետրովնան։
— Ախ, չգիտեք, իսկ ես կարծում էի, թե արդեն ամեն ինչ հայտնի է ձեզ։ Դուք ինձ ներեցեք, Դմիտրի Պրոկոֆիչ, այս օրերին ուղղակի խելքս գլխիս չէ։ Իրավ, ես ձեզ մի տեսակ նախախնամություն եմ համարում մեզ համար, դրա համար էլ այսպես համոզված էի, թե արդեն ամեն ինչ հայտնի է ձեզ։ Ես ձեզ իմ հարազատ որդին եմ համարում... Մի բարկանաք, որ այսպես եմ խոսում։ Ա՛խ, ասավա՛ծ իմ, այդ ի՞նչ է պատահել ձեր աջ ձեռքին, վնասե՞լ եք։
— Այո, վնասել եմ,— փնթփնթաց երջանկացած Ռազումիխինը։
— Ես երբեմն չափից դուրս հուզված եմ խոսում, այնպես որ Դունյան ուղղում է ինձ... բայց, աստված իմ, Ռոդյան ինչպիսի՜ խցիկում է ապրում։ Տեսնես արթնացե՞լ է, թե՞ ոչ։ Եվ այդ կինը, նրա տանտիրուհին, դա սենյա՞կ է համարում։ Լսեք, դուք ասում եք, որ Ռոդյան չի սիրում սիրտը բաց անել, այնպես որ գուցե ես նրան ձանձրացնե՞մ իմ... արցունքներով... Արդյոք դուք, Դմիտրի Պրոկոֆիչ, ինձ չե՞ք սովորեցնի, թե ինչպես վարվեմ նրա հետ։ Գիտե՞ք, ես ինձ բոլորովին կորցրած եմ քայլում։
— Դուք նրան շատ հարցուփորձ մի անեք որևէ բանի մասին, եթե տեսնեք, որ նա կնճռոտում է դեմքը, մանավանդ իր առողջության մասին շատ մի հարցնեք, չի սիրում։
— Ա՛խ, Դմիտրի Պրոկոֆիչ, որքա՜ն ծանր է մայր լինելը։ Բայց ահա և այդ սանդուղքը․․․ որքա՜ն սարսափելի սանդուղք է։
— Մայրիկ, դուք նույնիսկ գունատ եք, հանգստացեք, աղավնյակս,— ասաց Դունյան՝ փարվելով մորը,— նա պետք է դեռ բախտավոր լինի, որ տեսնում է ձեզ, իսկ դուք այդպես տանջվում եք,— ավելացրեց Դունյան, նրա աչքերը շողացին։
— Սպասեցեք, ես առաջուց իմանամ, թե արդյոք արթնացե՞լ է նա։
Մայր ու աղջիկ դանդաղաքայլ գնացին սանդուղքով առաջ անցած Ռազումիխինի ետևից, ու երբ հասան չորրորդ հարկ, տանտիրուհու դռանը, նկատեցին, որ տանտիրուհու դուռը բացված է մի փոքրիկ ճեղքի չափ ու երկու աշխույժ, սև աչքեր մթությունից նայում են նրանց երկուսին։ Իսկ երբ տանտիրուհու և մոր ու աղջկա հայացքները իրար հանդիպեցին, դուռը հանկարծ փակվեց, այն էլ այնպիսի շրխկոցով, որ քիչ մնաց Պույլխերիա Ալեքսանդրովնան ճչար վախից։
== III ==