Changes
/* VI */
== VI ==
—... Չեմ հավատում, չեմ կարող հավատալ,— կրկնում էր շփոթված Ռազումիխինը՝ ամեն կերպ աշխատելով հերքել Ռասկոլնիկովի փաստարկները։ Նրանք արդեն մոտենում էին Բակալեևի հյուրանոցին, որտեղ Պույլխերիա Ալեքսանդրովնան և Դունյան վաղուց էին նրանց սպասում։ Ռազումիխինը ճանապարհին տաքացած խոսելիս ամեն րոպե կանգ էր առնում՝ շփոթված և հուզված հենց միայն նրանով, որ նրանք առաջին անգամ պարզ խոսեցին ''այդ բանի'' մասին։
— Մի հավատա,— սառն ու անփույթ քմծիծաղով պատասխանեց Ռասկոլնիկովը,— դու ըստ քո սովորության, ոչինչ չէիր նկատում, իսկ ես կշռադատում էի յուրաքանչյուր բառը։
— Դու կասկածամիտ ես, դրա համար էլ կշռադատում էիր... Հըմ... իսկապես, ես համաձայն եմ, Պորֆիրիի խոսելաձևը բավական տարօրինակ էր, իրեն առանձնապես տարօրինակ էր պահում այդ սրիկա Զամետովը... Դու իրավացի ես, նրա մտքում ինչ-որ բան կար, բայց ինչո՞ւ էր այդպես, ինչո՞ւ։
— Գիշերվա ընթացքում փոխել էր միտքը։
— Ընդհակառակը, ընդհակառակը։ Եթե նրանք այդպիսի անհեթեթ միտք ունենային, ամեն կերպ կաշխատեին թաքցնել այն, թաքցնել իրենց դիտավորությունները, որպեսզի հետո բռնեն... Իսկ հիմա դա լկտիություն և անզգուշություն է։
— Եթե նրանք ունենային փաստեր, այսինքն՝ իսկական փաստեր կամ գեթ որեէ չափով հիմնավորված կասկածներ, ապա իրոք կաշխատեին թաքցնել խաղը, հույս ունենալով, որ է՛լ ավելի կշահեն (ասենք, վաղուց խուզարկություն կկատարեին)։ Բայց նրանք փաստ չունեն, ոչ մի փաստ, բոլորը պատրանք է, բոլորը կասկածի վրա է հիմնված, սոսկ թռուցիկ իդեա է, դրա համար էլ նրանք աշխատում են լկտիությամբ շահել։ Գուցե Պորֆիրին ինքն էլ չարացավ, որ փաստեր չկան, սրտնեղելուց տրաքվեց։ Գուցե և որևէ դիտավորություն ունի... նա կարծես թե խելացի մարդ է... Գուցե ուզում էր ինձ վախեցնել, որ գիտե... Այստեղ, սիրելիս, յուրահատուկ հոգեբանություն կա... Ասենք, գարշելի է այդ ամենը բացատրելը։ Թո՛ղ։
— Եվ վիրավորական է, վիրավորական է, ես քեզ հասկանում եմ... Բայց... քանի որ մենք հիմա արդեն պարզ խոսեցինք (իսկ դա հիանալի է, որ վերջապես, պարզ խոսեցինք, ես ուրախ եմ), ուստի ես հիմա ուղղակի խոստովանում եմ քեզ, որ դա, այդ միտքը նրանց մոտ ես նկատել եմ վաղուց, այս ամբողջ ժամանակվա ընթացքում, իհարկե, այն եղել է միայն աննշան չափով, անկայուն ձևով, բայց ինչո՞ւ է եղել, թեկուզ և անկայուն ձևով։ Ինչպե՞ս են նրանք համարձակվում։ Որտե՞ղ, որտե՞ղ են թաքնված դրա արմատները։ Օ, եթե դու գիտենայիր, թե ես ինչպե՜ս էի կատաղում։ Եվ ինչպե՞ս չկատաղես, չքավոր մի ուսանող, որը հյուծված է աղքատությունից ու սևամաղձությունից, տառապելու է դաժան, զառանցագին հիվանդությամբ, որը գուցե արդեն սկսվել է (նկատի առ), կասկածամիտ է, ինքնասեր, գիտե իր արժանիքը և վեց ամիս ոչ ոքի չի տեսել իր խցիկում. ցնցոտիով և առանց ներբանների կոշիկներով կանգնած է ինչ-որ թաղապետերի առաջ և նրանց կողմից անարգանքի է ենթարկվում. անսպասելի պարտք-ժամկետանց մուրհակ արքունի խորհրդական Չեբարովի մոտ, նեխած ներկ (ոստիկանատան նոր ներկած պատերի. ԾԹ), երեսուն աստիճան շոգ ըստ Ռեոմյուրի, ծանր օդ, բազմաթիվ մարդիկ, խոսակցություն պառավի սպանության մասին, որի մոտ ինքը եղել է նախորդ օրը, և այդ ամենով հանդերձ՝ սովալլուկ վիճակ. էլ ինչպե՞ս այսպես չուշաթափվես։ Մի՞թե սա կասկծելու հիմք է աալիս։ Գրողը տանի, ես հասկանում եմ, որ սա վրդովեցուցիչ է, բայց եթե ես քո տեղը լինեի Ռոդյա, կծիծաղեի բոլորի աչքի առաջ, կամ որ ավելի լավ է, կթքեի բոլորի երեսին, այն էլ առատորեն, ու մի երկու տասնյակ ապտակ կհասցննի ում հարկն է, ինչպես և միշա դրանք պետք է տալ, ու դրանով էլ գործը կվերջացնեի։ Թքիր, քաջալերվիր, ամոթ է։
«Այնուամենայնիվ նա այդ լավ շարադրեց»,— մտածեց Ռասկոլնիկովը։
— Թքի՜ր․ իսկ վաղը դարձյալ հարցաքննություն կլինի,— դառնությամբ ասաց նա,— մի՞թե ես պետք է նրանց բացատրություն տամ։ Ինձ այն էլ է վրդովում, որ երեկ պանդոկում ավելորդ բաներ ասացի Զամետովին։
— Գրողը տանի, ինքս կգնամ Պորֆիրիի մոտ։ Նրան մի լավ հուպ կտամ ''ազգակցական եղանակով''. թող ամեն ինչ ասի մինչև մանրամասնությունները։ Զամետովին՝ նույնպես...
«Վերջապես, գլխի ընկավ», մտածեց Ռասկոլնիկովը։
— Կաց,— գոչեց Ռազումիխինը՝ հանկարծ բռնելով նրա ուսից,— կաց, դու սխալվել ես, ես մտածեցի, որ սխալվել ես. դու ասում ես, որ ներկարարների վերաբերյալ հարցը նենգաբար է տրված, այստեղ նենգությունից ի՞նչ պիտի դուրս գա։ Հասկացիր, եթե ''այդ բանը'' դու անեիր, մի՞թե կարող էիր բերանիցդ թռցնել, թե տեսել ես բնակարանը ներկելը... ու ներկարարներին։ Ընդհակառակը, կասեիր, թե ոչինչ չես տեսել, եթե նույնիսկ տեսել էիր։ Ո՞վ է իր դեմ ցուցմունք տալիս։
— Եթե ես ''այդ բանը'' արած լինեի, անպայման կասեի, որ տեսել եմ ներկարարներին և բնակարանը,— դժկամորեն և նկատելի զզվանքով շարունակեց պատասխանել Ռասկոլնիկովը։
— Ախր ինչո՞ւ ինքդ քո դեմ խոսես։
— Որովհետև միայն մուժիկները կամ բոլորովին անփորձ մարդիկ են հարցաքննությունների ժամանակ ամեն ինչ ուղղակի թաքցնում։ Իսկ եթե մարդը մի քիչ զարգացած է ու փորձառու, աշխատում է ըստ հնարավորության խոստովանել բոլոր առերևույթ և անհերքելի փաստերը․ միայն թե դրանք յուրովի է պատճառաբանում, իր առանձնահատուկ և անսպասելի գիծն է անցկացնում, որով փաստերին բոլորովին ուրիշ նշանակություն է տալիս և ուրիշ կերպ է դրանք լուսաբանում։ Պորֆիրին հուսով էր, թե ես անպայման այդպես կպատասխանեմ և անպայման կասեմ այն, ինչ որ տեսել եմ և այդ կերպ կպարզվի ճշմարտությունը, ու իմ բացատրությանը որևէ բան կավելացնեմ...
— Ախր նա քեզ իսկույն կասեր, որ սպանությունից երկու օր առաջ ներկարարները այնտեղ չէին կարող լինել և ուրեմն դու այնտեղ եղել ես հենց սպանության օրը, ժամը ութին։ Հեշտությամբ կշշկլեցներ քեզ։
— Նա կարծում էր, թե ես չեմ կարողանա գլխի ընկնել և կշտապեմ ճիշտ պատասխաններ տալ ու կմոռանամ, որ ներկարարները չէին կարող երկու օր առաջ այնտեղ լինել։
— Ինչպե՞ս կարելի էր այդ մոռանալ։
— Շատ հեշտ։ Խորամանկ մարդիկ էլ հենց այդպիսի դատարկ բաներից են շփոթվում։ Որքան խորամանկ է մարդը, այնքան քիչ է կասկածում, որ իրեն հեշտությամբ կշփոթեցնեն։ Ամենախորամանկ մարդուն էլ հենց աննշան փաստերով պետք է շփոթեցնել։ Պորֆիրին ամենևին էլ այնպես հիմար չէ, ինչպես դու ես կարծում...
— Որ այդպես է, նա սրիկա է։
Ռասկոլնիկովը չէր կարող չծիծաղել։ Բայց նույն րոպեին նրան տարօրինակ թվացին իր աշխուժացումն ու տրամադիր լինելը, որով նա ավեց վերջին բացատրությունը, մինչդեռ ամբողջ նախընթաց խոսակցությանը նա մասնակցում էր մռայլ գարշանքով, դժկամորեն, հենց միայն լուռ չմնալու համար։
«Որոշ հարցեր հաճույքով եմ շոշափում», մտածեց նա։
Բայց համարյա նույն րոպեին նա ինչ֊որ անհանգստություն զգաց, կարծես անակնկալ ու տագնապալից մի միտք շփոթեցրեց նրան։ Անհանգստությունը սաստկանում էր։ Նրանք արդեն հասան մինչև Բակալեևի հյուրանոցի մուտքը։
— Գնա մենակ, ես հիմա կգամ,— հանկարծ ասաց Ռասկոլնիկովը։
— Ո՞ւր ես գնում, մենք հո տեղ հասանք։
— Գործ ունեմ, գործ... Կգամ կես ժամից... Ասա նրանց։
— Քո կամքն է, բայց ես կգամ քեզ հետ։
— Այդ ի՞նչ է, դո՞ւ էլ ես ուզում ինձ տանջել,— բղավեց Ռասկոլնիկովը այնպիսի դառն ջղայնությամբ, աչքերի այնպիսի տխրագին արտահայտությամբ, որ Ռազումիխինի թևերը թուլացան։ Մի քանի վայրկյան նա կանգնած էր մուտքի սանդուղքին և մռայլ նայում էր, թե Ռասկոլնիկովը ինչպես էր արագ քայլում իր ապրած փողոցի ուղղությամբ։ Վերջապես, սեղմելով ատամները և բռունցքները, երդվելով, որ հենց այդ օրը Պորֆիրիից կքամի բոլոր գաղտնիքները, ինչպես քամում են կիտրոնի հյութը, բարձրացավ վերև՝ հանգստացնելու իրենց երկար բացակայությունից արդեն անհանգստացած Պույլխերիա Ալեքսանդրովնային։
Երբ Ռասկոլնիկովը հասավ իր ապրած տանը, նրա քունքերը քրտնել էին, և նա ծանր էր շնչում։ Նա հապճեպ բարձրացավ սանդուղքով, մտավ իր չփակած բնակարանը և իսկույն կեռով փակեց դուռը։ Այնուհետև վախով ու խելահեղությամբ նետվեց դեպի անկյունը, դեպի պաստառի այն ճեղքվածքը, որտեղ առաջ գտնվում էին կողոպտած իրերը, ձեռքը խոթեց ճեղքվածքի մեջ ու մի քանի րոպե մանրակրկիտորեն խառնշտորեց այն՝ շոշափելով բոլոր ծակուծուկերը ու պաստառի բոլոր ծալքերը։ Ոչինչ չգտնելով, վեր կացավ ու խոր շունչ առավ։ Քիչ առաջ, երբ մոտեցել էին Բակալեևի հյուրանոցին, նա հանկարծ երևակայել էր, որ մի որևէ իր, որևէ շղթա, ճարմանդ կամ նույնիսկ թուղթը, որով փաթաթված էին դրանք և որի վրա պառավի ձեռքով նշումներ էին արված, կարող էր մնացած լինել որևէ խոռոչում, հետո հանկարծ գտնվել և անսպասելի ու բացահայտ հանցանշան դառնալ։
Նա կանգնել էր ասես մտազբաղ, ու տարօրինակ, թույլ, համարյա անիմաստ ժպիտը դողում էր նրա շուրթերին։ Վերջապես, նա վերցրեց գլխարկը և կամացուկ դուրս ելավ սենյակից։ Նրա մտքերը խռնվում էին։ Մտախոհ իջավ մինչև դարպասը։
— Ահա և նա ինքը,— լսվեց մի բարձր ձայն։ Ռասկոլնիկովը բարձրացրեց գլուխը։
Դռնապանը կանգնած էր իր խցիկի դռան առջև ու նրան մատնացույց էր անում մի ինչ֊որ ցածրահասակ մարդու, որը տեսքով քաղքենու էր նմանվում, հագած էր խալաթի պես մի բան, բաճկոնակ, ու հեռվից կնոջ էր նմանվում։ Կեղտոտ, հովարավոր գլխարկով ծածկված գլուխը կախված էր, և նա ասես ամբողջովին կորացած լիներ։ Նիհար, կնճռոտ դեմքը ցույց էր տալիս, որ նա հիսունից անց է. փոքրիկ, ուռած աչքերի նայվածքը մռայլ էր, խստաբարո, ու անբավականություն էր արտահայտում։
— Ինչո՞ւմն է բանը,— հարցրեց Ռասկոլնիկովը՝ մոտենալով դռնապանին։
Քաղքենին խեթ֊խեթ նայեց ու երկար, սևեռուն, ուշադիր զննեց նրան, հետո դանդաղ շուռ եկավ ու ոչ մի բառ չասելով, տան դարպասից դուրս ելավ փողոց։
— Ախր ինչո՞ւմն է բանը,— բղավեց Ռասկոլնիկովը։
— Նա ձեր անունը տվեց և հարցրեց, թե այստե՞ղ եք ապրում, ո՞ւմ մոտ։ Հիմա դուք իջաք, ես ձեզ ցույց տվի նրան, իսկ նա գնաց։ Այ քեզ բա՜ն։
Դռնապանը նույնպես մի քիչ տարակուսանքի մեջ էր, ու էլի մի փոքր մտածելով, շուռ եկավ ու մտավ իր խցիկը։
Ռասկոլնիկովը աճապարեց քաղքենու ետևից և իսկույն տեսավ, որ նա դարձյալ դանդաղ, համաչափ քայլերով գնում է փողոցի մյուս կողմով, աչքերը գետնին հառած, ու կարծես ինչ-որ բան է կշռադատում։ Ռասկոլնիկովը շուտով հասավ նրան, բայց մի քանի րոպե նրա ետևից էր գնում. վերջապես, կողքից մոտեցավ ու նայեց նրա դեմքին։ Քաղքենին իսկույն նկատեց նրան, արագ զննեց, ապա էլի սկսեց նայել գետնին, ու այսպես նրանք գնում էին կողք֊կողքի, առանց մի բառ ասելու։
— Դուք ինձ հարցրե՞լ էիք... դռնապանից,— վերջապես աաաց Ռասկոլնիկովը, բայց ինչ-որ շատ ցածր ձայնով։
Քաղքենին ոչ մի պատասխան չտվեց և նույնիսկ չնայեց նրան։ Էլի մի փոքր լուռ էին․
— Ի՛նչ է... գալիս եք, հարցնում... ու լռում եք... ախր ինչո՞ւմն է բանը։— Ռասկոլնիկովի ձայնը խզվում էր ու բառերը կարծես չէին ուզում պարզ արտասանվել։
Քաղքենին այս անգամ բարձրացրեց գլուխը և չարագուշակ, մռայլ հայացքով նայեց Ռասկոլնիկովին։
— Մարդասպա՛ն,― ասաց նա հանկարծ ցածր, բայց պարզ ու կտրուկ ձայնով․․․
Ռասկոլնիկովը քայլում էր նրա կողքից։ Նրա ոտքերը հանկարծ սարսափելի թուլացան, մեջքը սարսռեց, մի ակնթարթ սիրտը կարծես նվաղեց, հետո հանկարծ սկսեց խփել, ասես պոկվեց ու ընկավ կեռից։ Այսպես նրանք անցան հարյուր քայլ, իրար կողքի և դարձյալ բոլորովին լուռ։
Քաղքենին չէր նայում նրան։
— Սա ի՞նչ բան է․․․ ի՞նչ․․․ ո՞վ է մարդասպանը,— հազիվ լսելի փնթփնթաց Ռասկոլնիկովը։
— ''Դո՛ւ'' ես մարդասպանը,— էլ ավելի կտրուկ և ազդու տոնով ու ատելությամբ լեցուն ինչ֊որ հրճվանքի ժպիտով ասաց քաղքենին ու դարձյալ ուղիղ նայեց Ռասկոլնիկովի դալուկ դեմքին և խամրած աչքերին։ Այդ պահին երկուսն էլ մոտեցան փողոցների խաչմերուկին։ Քաղքենին դարձավ դեպի ձախ կողմի փողոցը ու գնաց առանց ետ նայելու։ Ռասկոլնիկովը կանգ առավ ու երկար նայեց նրա ետևից։ Նա տեսավ, թե ինչպես քաղքենին մի հիսուն քայլ անցնելով, շուռ եկավ ու նայեց իրեն, իսկ ինքը դեռ անշարժ կանգնած էր նույն տեղում։ Ռասկոլնիկովին թվաց, թե նա այս անգամ էլ իրեն նայեց սառն, ատելությամբ լեցուն և հրճվալից ժպիտով, թեև հնարավոր չէր դա պարզ տեսնել։
Ռասկոլնիկովը կամացուկ, թուլացած քայլերով, դողդոջ ծնկներով և կարծես սարսափելի մրսած ետ դարձավ ու գնաց իր խցիկը։ Նա հանեց գլխարկը, դրեց սեղանին ու տասը րոպե անշարժ կանգնեց դրա կողքին։ Այնուհետև ուժասպառ ընկավ բազմոցին ու հիվանդագին ինքնազգացմամբ, թույլ տնքալով մեկնվեց դրա վրա։ Աչքերը փակված էին։ Այդպես նա պառկեց մոտ կես ժամ։
Նա ոչ մի բանի մասին չէր մտածում։ Այնպես, կային ինչ֊որ մտքեր կամ մտքերի բեկարներ, խառնիխուռն ու անկապ պատկերացումներ, այնպիսի մարդկանց դեմքեր, որոնց նա տեսել էր դեռ մանկության օրերում կամ որևէ տեղ հանդիպել միայն մեկ անգամ և որոնց նա երբեք չէր հիշել։ Վ... եկեղեցու զանգակատունը․ մի պանդոկի բիլիարդը և ինչ֊որ սպա դրա կողքին․ սիգարների հոտ ծխախոտի ինչ֊որ խանութում, ներքնահարկում օղետուն․ սև, բոլորովին խավարապատ սանդուղք՝ կեղտաջրերով ամբողջովին ողողված ու ձվի կեղևներով պատած․ զանգերի կիրակնօրյա ղողանջ ինչ֊որ տեղից... Առարկաները հերթափոխվում ու պտտվում էին մրրկի նման։ Մի քանիսը նրան նույնիսկ դուր էին գալիս, և նա կառչում էր դրանցից, բայց դրանք աղոտանում էին և առհասարակ ներքուստ ինչ֊որ մի բան էր ճնշում նրան, բայց թույլ չափով։ Երբեմն նա իրեն նույնիսկ լավ էր զգում... թեթև դողը չէր անցնում և դա նույնպես համարյա հաճելի էր թվում։
Նա լսեց Ռազումիխինի հապճեպ քայլերը և նրա ձայնը, փակեց աչքերը և քնած ձևացավ։ Ռազումիխինը բացեց դուռը և մի պահ կանգնեց շեմքին, ասես մտքերով տարված։ Հետո կամացուկ ներս մտավ և զգուշությամբ մոտեցավ բազմոցին։ Լսվեց Նաստասլայի փսփսոցը.
— Մի զարթեցնի, թող քունն առնի, հետո ուտելիք կտանք։
— Ճիշտ է,— պատասխանեց Ռազումիխինը։
Երկուսն էլ զգուշությամբ դուրս ելան ու ծածկեցին դուռը։ Անցավ էլի մոտ կես ժամ։ Ռասկոլնիկովը բացեց աչքերը ու պառկեց մեջքի վրա, ձեռքերը դնելով գլխի տակ․․․
«Ո՞վ է նա։ Ո՞վ է գետնի տակից դուրս եկած այդ մարդը։ Որտե՞ղ է եղել նա և ի՞նչ է տեսել։ Նա ամեն ինչ տեսել է, դա անկասկած է։ Այն ժամին նա որտե՞ղ էր կանգնած և որտեղի՞ց էր նայում։ Ինչո՞ւ է նա միայն այժմ մեջտեղ գալիս։ Եվ ինչպե՞ս նա կարող էր տեսնել, մի՞թե այդ հնարավոր է... Հը՛մ...— սարսռելով ու ցնցվելով մտածում էր Ռասկոլնիկովը,— հապա տո՛ւփը, որ Նիկոլայը գտել էր դռան մոտ. մի՞թե այդ էլ հնարավոր է։ Մի որևէ չնչին բան, և ահա քեզ եգիպտական բուրգի չափ հանցանշան։ Ճանճը թռել է ու տեսել։ Մի՞թե այդ հնարավոր է։
Եվ նա հանկարծ նողկանքով զգաց, թե ինչպես թուլացել է, ֆիզիկապես թուլացել։
«Ես այդ պետք է գիտենայի,— դառն քմծիծաղով մտածում էր նա,— ճանաչելով ինքս ինձ, ''նախազգալով'' իմ վիճակը, ես ինչպես համարձակվեցի վերցնել կացինը և արյուն թափել։ Ես պարտավոր էի նախապես այդ գիտենալ․․․ Է֊է֊հե՛, ախր ես հո նախապես գիտեի...», հուսահատ շշնշաց նա։
Երբեմն նա մի որևէ մտքով տարված, անշարժ կանգ էր առնում.
«Ոչ, այն մարդիկ այլ կերտվածքի են. իսկական ''տիրակալը'', ում ամեն ինչ թույլատրվում է, ջախջախում է Տոլլոնը, Փարիզում կոտորած է սարքում, Եգիպտոսում ''մոռանում է'' բանակը, կես միլիոն մարդ է ''վատնում'' մոսկովյան արշավանքում և Վիլնոյում բառախաղով է էժան պրծնում. և նրան մահից հետո կուռք են դարձնում, հետևաբար ''ամեն ինչ'' էլ թույլատրելի է։ Ոչ, այդպիսի մարդկանց մարմինը ոչ թե մարմին է, այլ բրոնզ է»։
Անակնկալ մի միտք հանկարծ համարյա ծիծաղեցրեք նրան։
«Նապոլեոն, բուրգեր, Վատեռլոո, ու կոլեգիական ռեգիստրատորի վտիտ, նողկալի այրին, պառավը, վաշխառուն, կարմիր սնդուկը մահճակալի տակ, դե սա ինչպե՞ս կմարսի թեկուզ Պորֆիրի Պետրովիչը... որտեղի՞ց մարսի... էսթետիկան կխանգարի, որպես թե արդյո՞ք Նապոլեոնը ձեռքը կխոթի պառավի մահճակալի տակ։ Օ, անպետքի մեկը...»։
Լինում էին րոպեներ, երբ նա կարծես զառանցում էր. նա տենդային֊հրճվագին տրամադրության մեջ էր ընկնում։
«Հը՛մ, պառավը, դա անհեթեթություն է,— տաքացած, կցկտուր մտածում էր նա,— պառավի գործը թերևս սխալ է, այդ մի կողմ թողնենք։ Պառավին սպանելը միայն հիվանդություն էր... Ես ուզում էի շուտ օգտվել նրա մահվանից... ես ոչ թե մարդուն, այլ սկզբունքը սպանեցի։ Սկզբունքը ես սպանեցի, բայց դրանից չօգտվեցի․ մնացի չշահված... Հենց միայն սպանել կարողացա, և այն էլ արդյո՞ք կարողացա... Սկզբո՞ւնք։ Տխմար Ռազումիխինը ժամ առաջ ինչո՞ւ էր հայհոյում սոցիալիստներին։ Ջանասեր, բանիմաց մարդիկ են. «հանուր երջանկությամբ» են զբաղվում... Ոչ, կյանքը ինձ մի անգամ է տրվում ու այլևս երբեք չի լինի, ես չեմ ուզում սպասել «համընդհանուր երջանկության»։ Ես ինքս էլ եմ ուզում ապրել, թե չէ ավելի լավ է և չապրել։ Ի՞նչ արած, ես միայն չուզեցի անխնամ թողնել սովալլուկ մորս, կարիքի մեջ խեղդվել՝ սպասելով «համընդհանուր երջանկության»։ Որպես թե «ես իմ աղյուսն եմ բերում համընդհանուր երջանկության համար և դրանով սրտի հանգստությունեմ զգում»։ Քա՛հ֊քա՛հ։ Հապա ինչո՞ւ դուք ինձ աչքաթող արեցիք։ Չէ՞ որ ես ընդամենը մի անգամ եմ ապրում, չէ՞ որ ես էլ եմ ուզում ապրել․․․ Էհ, ես էսթետիկական ոջիլ եմ և ուրիշ ոչինչ,— ավելացրեց նա հանկարծ, խելագարի նման ծիծաղելով։— Այո, ես իսկապես ոջիլ եմ,— շարունակեց նա՝ չարախնդությամբ կառչելով այդ մտքից, քրքրելով այն, ու դրանով խաղ էր անում, զվարճանում,― ու դա հենց միայն այն պատճառով, որ նախ՝ հիմա ես դատողություններ եմ անում, թե ես ոջիլ եմ. երկրորդ, այն պատճառով, որ մի ամբողջ ամիս ամենաբարերար նախախնամությանն էի անհանգստացնում, կոչ էի անում վկա լինել, որ ես իբր ոչ թե իմ միս ու արյան և հաճույքի համար եմ այդ բանը ձեռնարկում, այլ նկատի ունեմ շատ լավ ու հաճելի մի նպատակ, քա՛ք֊քա՛հ. երրորդ, այն պատճառով, որ հաշվի չէի առել այդ բանը կատարելու հնարավոր հետևանքները, դրանք չէի կշռադատել, բոլոր ոջիլներից ընտրեցի առավելապես անօգտակարը, ու սպանելով նրան, որոշեցի նրանից վերցնել ճիշտ այնքան, որքան ինձ հարկավոր է առաջին քայլն անելու համար, ոչ ավելի և ոչ պակաս (իսկ մնացածը ուրեմն այնպես էլ կգնար վանք, կտակի համաձայն, քա՛հ-քա՛հ)... Ես վերջնականապես ոջիլ եմ հենց այն պատճառով, որ ինքս գուցե է՛լ ավելի վատթար ու նողկալի եմ, քան սպանված ոջիլը, ու առաջուց ''նախազգում էի'', որ միայն սպանելուց ''հետո'' ինքս ինձ կասեմ այս բանը։ Մի?թե որևէ իրադարձություն կարող է համեմատվել այս զարհուրելի բանի հետ։ O, գռեհկություն, o, ստորություն... օ, ինչպես եմ ես հասկանում «մարգարեին», սուրը ձեռքին, նժույգ նստած. Ալlահը պատվիրում է, ու հնազանդվիր, «երկչոտ» արարած։ Իրավացի է, իրավացի է «մարգարեն», երբ որևէ տեղ, փողոցի լայնքով լավ մարտկոց է գնում և խփում արդարին և մեղավորին, նույնիսկ չարժանացնելով բացատրության։ Հնազանդվիր, երկչոտ արարած, ու ոչինչ մի ցանկանա, որովհետև այդ քո գործը չէ․․․ Օ, ոչ մի դեպքում, ոչ մի դեպքում չեմ ների պառավին»։
Նրա մազերը թրջվել էին քրտնքից, դողդոջ շրթունքները բորբոքված էին, անշարժ հայացքը մեխվել էր առաստաղին։
«Մայրս, քույրս, որքան ես սիրում էի նրանց։ Ինչո՞ւ եմ հիմա նրանց ատում։ Այո, ես նրանց ատում եմ, ֆիզիկապես ատում, չեմ կարող նրանց տանել, երբ իմ կողքին են... Ժամ առաջ ես մոտեցա ու համբուրեցի մորս, հիշում եմ... Գգվել նրան ու մտածել, որ եթե նա իմանա, ապա... Գուցե այդ դեպքում ասե՞մ նրան։ Ինձնից այդ կարելի է սպասել... Հըմ, ''նա'' պետք է որ այնպես լինի, ինչպես ես եմ,— ավելացրեց Ռասկոլնիկովը մտքին զոռ տալով, կարծես մաքառելով իրեն համակող զառանցանքի դեմ։— Օ, ինչպես եմ ես հիմա ատում պառվուկին, թվում է, թե երկրորդ անգամ կսպանեի, եթե կենդանանար։ Խե՛ղճ Լիզավետա, ինչո՞ւ էր այն պահին նա այնտեղ... Տարօրինակ է, ինչո՞ւ ես նրա մասին համարյա չեմ մտածում, կարծես թե չեմ սպանել... Լիզավե՛տա, Սո՛նյա, խեղճ, խոնարհ արարածներ հեզ աչքերով... Սիրելիներ... Ինչո՞ւ նրանք չեն լալիս, ինչո՞ւ չեն հառաչում... Նրանք ամեն ինչ զոհում են... նայում հեզ ու մեղմիվ... Սո՛նյա, Սո՛նյա, մեղմաբարո Սոնյա...»
Նա անզգայացավ, նրան տարօրինակ թվաց, որ ինքը չի հիշում, թե ինչպես կարող էր հայտնվել փողոցում։ Արդեն ուշ երեկո էր։ Մթնշաղը թանձրանում էր, Լիալուսինը հետզհետե ավելի պայծառ էր շողում, օդը առանձնապես հեզձուցիչ էր։ Փողոցներով մարդկանց բազմություններ էին գնում, արհեստավորները և զբաղված մարդիկ տուն էին գնում, ուրիշները զբոսնում էին. զգացվում էր կրի, փոշու, նեխած ջրափոսերի հոտը։ Ռասկոլնիկովը քայլում էր տխուր ու մտահոգված. նա շատ լավ էր հիշում, որ տանից դուրս էր եկել ինչ-որ դիտավորությամբ, որ հարկավոր էր շտապել, ինչ֊որ բան անել, բայց թե ինչ, մոռացել էր։ Հանկարծ նա կանգ առավ ու տեսավ, որ փողոցի մյուս կազմում, մայթի վրա մի մարդ է կանգնած և նրան ձեռքավ է անում։ Ռաոկոլնիկավը փողոցի միջով մոտեցավ նրան, բայց այդ մարդը հանկարծ շուռ եկավ ու գնաց, ուշադրություն չդարձնելով նրա վրա, գլուխը կախած, առանց ետ նայելու և ցույց տալու, որ կանչել էր նրան։ «Լավ, մի՞թե նա կանչել էր», մտածեց Ռասկոլնիկովը ու այնուամենայնիվ գնաց նրա ետևից։ Մինչև նրան հասնելը տասը քայլ էր մնում, երբ Ռասկոլնիկովը հանկարծ ճանաչեց նրան և վախեցավ, դա ժամ առաջ հանդիպած քազքենին էր նույն խալաթով և նույնպես կորացած։ Ռասկոլնիկովը քայլում էր հեռվից, նրա սիրտը խփում էր. նրանք անցան մյուս փողոցը. քաղքենին ետ չէր նայում։ «Արդյոք գիտե՞ նա, որ ես գնում եմ իր ետևից», մտածում էր Ռասկոլնիկովը։ Քաղքենին ներս մտավ մի մեծ տան դարպասից։ Ռասկոլնիկովը արագ մոտեցավ դարպասին ու նայեց, թե արդյոք նա ետ չի՞ դառնա և իրեն չի՞ կանչի։ Եվ իսկապես, անցնելով դարպասից և արդեն մտնելով բակը, հանկարծ քաղքենին շուռ եկավ ու կարծես էլի նրան ձեռքով արեց։ Ռասկոլնիկովը անմիջապես անցավ դարպասից, բայց քաղքենին արդեն բակում չէր։ Ուրեմն նա բարձրանում էր առաջին սանդուղքով։ Ռասկոլնիկովը հետևեց նրան։ Հիրավի, վերևից դեռ լսվում էին ինչ-որ մեկի չափածո, անշտապ քայլերը։ Տարօրինակ էր, սանդուղքը կարծես թե ծանոթ էր։ Ահա առաջին հարկի մի պատուհանը, ապակիներից թափանցում էր լուսնի տխուր ու խորհրդավոր լույսը, ահա և երկրորդ հարկը։ Վա՛հ, սա հենց այն բնակարանն է, որտեղ աշխատում էին ներկարարները... Այդ ինչպե՞ս է որ ինքը անմիջապես չճանաչեց։ Առջևից գնացող մարդու քայլերը լռեցին, ուրեմն նա կանգ էր առել կամ թաքնվել որևէ տեղ։ Ահա և երրորդ հարկը, էլի՞ բարձրանալ, ինչպիսի՜ լռություն է այնտեղ, նույնիսկ սարսափելի է... Բայց Ռասկոլնիկովը գնաց։ Նա վախենում և անհանգստանում էր հենց իր քայլերի ձայնից։ Աստվա՛ծ իմ, ի՜նչ մութ է։ Քազքենին երևի թաքնվել է որևէ անկյունում։ Հը՛մ, բնակարանի դուռը բոլորովին բաց է. Ռասկոլնիկովը մի փոքր մտածեց ու ներս մտավ։ Նախասենյակը խավար էր ու դատարկ, ոչ ոք չկար, կարծես ամեն ինչ դուրս էին տարել, նա կամացուկ, ոտքերի մա տների վրա անցավ հյուրասենյակ. ամբողջ սենյակը ողողված էր լուսնի պայծառ լույսով, այստեղ առաջվա պես էր ամեն ինչ՝ աթոռները, հայելին, դեղին բազմոցը և շրջանակների մեջ դրված պատկերները։ Ահագին, կլոր, պղնձագույն-կարմրավուն լուսինը ուղղակի նայում էր պատուհաններից։ «Այս լռությունը լուսնից է,— մտածեց Ռասկոլնիկովը,— այն ինչ֊որ հանելուկային տեսք ունի»։ Ռասկոլնիկովը կանգնել էր սպասողական վիճակում, երկար սպասում էր, ու որքան անդորր էր լուսինը, այնքան ուժեղ էր խփում նրա սիրտը, նույնիսկ ցավում էր։ Ու շարունակ լռություն։ Հանկարծ լսվեց կարճ, վայրկենական չխկոց, կարծես մարխ կոտրեցին, ու դարձյալ ամեն ինչ լռեց։ Արթնացած մի ճանճ թռավ ու զարկվեց պատուհանի ապակուն և տխուր բզզաց։ Հենց այդ րոպեին, սենյակի մի անկյունում, փոքրիկ պահարանի և լուսամատի արանքում Ռասկոլնիկովը կարծես թէ պատից կախած մի կանացի վերարկու նկատեց։ «Որտեղի՞ց է այդ վերարկուն, չէ՞ որ առաջ դա չկար...», մտածեց նա։ Կամացուկ մոտեցավ ու գլխի ընկավ, որ վերարկուի տակ կարծես թե ինչ-որ մարդ է թաքնված։ Նա զգուշությամբ մի կողմ քաշեց վերարկուն և տեսավ, որ այնտեղ աթոռ է դրված, իսկ աթոռի վրա, անկյունում նստած է պառավը, ամբողջովին կծկված և գլուխը կախած, այնպես որ Ռասկոլնիկովը ոչ մի կերպ չէր կարողանում պարզ տեսնել դեմքը, բայց դա իրոք պառավն էր։ Ռասկոլնիկովը մի փոքր կանգնեց նրա գլխավերևում, «վախենում է», մտածեց նա, իր վերարկուին կարած օղակից կամացուկ հանեց կացինը և մեկ, երկու անգամ խփեց պառավի կատարին։ Բայց, տարօրինակ բան, պառավը նույնիսկ չշարժվեց հարվածներից, ասես փայտից լիներ։ Ռասկոլնիկովը վախեցավ, թեքվեց ու սկսեց զննել նրան, բայց պառավը է՛լ ավելի կախեց գլուխը։ Ռասկոլնիկովը բոլորովին կռացավ մինչև հատակը ու ներքևից նայեց պառավի դեմքին, նայեց ու սարսափեց. պառավը նստել էր ու ծիծաղում էր, ծիծաղում կամացուկ, անլսելի, ամեն կերպ աշխատելով, որ Ռասկոլնիկովը չլսի իր ձայնը։ Հանկարծ Ռասկոլնիկովին թվաց, թե ննջարանի դուռը մի քիչ բացվեց և կարծես թե այնտեղ նույնպես ծիծաղեցին ու փսփսում են։ Նա կատաղության հասավ, սկսեց ամբողջ ուժով մեկ խփել պառավի գլխին, բայց կացնի յուրաքանչյուր հարվածից հետո ննջարանից ավելի ու ավելի պարզ էին լսվում ծիծաղն ու փսփսոցը, իսկ պառավը այնպես էլ ցնցվում էր քրքիջից։ Ռասկոլնիկովը փորձեց փախչել, բայց ամբողջ նախասենյակը արդեն լիքն էր մարդկանցով, բնակարանի դուռը բոլորովին բաց էր, սանդուղքի աստիճաններին, հարթակում բազմաթիվ մարդիկ էին կանգնած, գլուխնե՛ր հա դլոլխնե՛ր, բոլորը նայում են, բայց դարանակալած սպասում են, լռում... Ռասկոլնիկովի սիրտը ճմլվեց, ոտքերը չեն շարժվում, կպել են հատակին... Նա ուզում էր ճչալ, ու արթնացավ։
Նա ծանր շունչ առավ, բայց տարօրինակ բան, կարծես թե երազը դեռ շարունակվում էր. սենյակի դուռը բոլորովին բացված էր, շեմքին կանգնել էր բոլորովին անծանոթ մի մարդ և ակնապիշ նայում էր նրան։
Ռասկոլնիկովը հազիվ էր բացել աչքերը, երբ վայրկենապես նորից փակեց։ Նա պառկած էր մեջքի վրա ու չէր շարժվում։ «Երազս շարունակվո՞ւմ է, ինչ է», մտածեց նա և դարձյալ մի քիչ, աննկատելիորեն բարձրացրեց արտևանունքները, որպեսզի նայեր, անծանոթը կանգնած էր նույն տեղում և շարունակում էր հայացքով զննել նրան։ Հանկարծ նա զգուշությամբ շեմքից ներս անցավ, խնամքով ծածկեց դուռը, մոտեցավ սեղանին, սպասեց մի րոպե, շարունակ նայելով Ռասկոլնիկովին, ու կամացուկ, զգուշությամբ նստեց աթոռին, բազմոցի մոտ. լայնեզր գլխարկը դրեց կողքին, հատակին, իսկ երկու ձեռքով հենվեց ձեռնափայտին՝ կզակը դնելով բռունցքներին։ Երևում էր, որ նա պատրաստվեց երկար սպասել։ Որքան կարելի էր նշմարել թարթող արտևանունքներից, այդ մարդը արդեն տարիքավոր էր, ամրակազմ, խիտ և բաց գույնի, համարյա սպիտակ մորուքով...
Անցավ մոտ տասը րոպե։ Դեռ լույս էր, բայց արդեն իջնում էր երեկոն։ Սենյակում կատարյալ լռություն էր։ Նույնիսկ սանդուղքից էլ ոչ մի ձայն չէր լսվում։ Միայն ինչ-որ մի մեծ ճանճ զարկվում էր պատուհանի ապակուն, բզզում ու թպրտում։ Վերջապես, դա անտանելի դարձավ. Ռասկոլնիկովը հանկարծ վեր կացավ ու նստեց բազմոցին։
— Հը՛, ասացե՛ք, ի՞նչ եք ուզում։
— Ես հո այդպես էլ գիտեի, որ դուք քնած չեք, այլ միայն քնած եք ձևանում,— տարօրինակ պաաաախանեց անծանոթը՝ հանգիստ ծիծաղելով։— Արկադի Իվանովիչ Սվիդրիգայլով, թույլ տվեք ծանոթանալ։
----
<references/>