Changes
{{Գլուխ|հիմնական=Ոճիր և պատիժ|նախորդ=Ոճիր և պատիժ, Երրորդ մաս|հաջորդ=Ոճիր և պատիժ, Հինգերորդ մաս}}
== I ==
«Մի՞թե սա երազի շարունակությունն է», մի անգամ էլ մտածեց Ռասկոլնիկովը։ Նա զգուշությամբ և անվստահությամբ նայում էր անսպասելի հյուրին։
— Սվիդրիգա՞յլով։ Ա՜յ քեզ բան, չի կարող պատահել,— վերջապես ասաց նա բարձրաձայն, տարակուսելով։
Հյուրը կարծես թե բոլորովին էլ չզարմացավ այդ բացականչության վրա։
— Երկու պատճառով եմ եկել ձեզ մոտ. նախ՝ ցանկանում էի անձամբ ծանոթանալ, որովհետև արդեն վաղուց ձեր մասին շատ բան էի լսել ձեզ համար հետաքրքիր ու շահավետ կողմից. երկրորդ, հուսով եմ, որ դուք թերևս չեք մերժի ինձ օգնել մի գործում,― որը անմիջականորեն վերաբերում է ձեր քրոջ, Ավդոտյա Ռոմանովնայի շահին։ Նախապաշարմունքի հետևանքով այժմ նա առանց միջնորդության ինձ գուցե իրենց բակն էլ չթողնի, իսկ ձեր օգնությամբ ես, ընդհակառակը, հույս ունեմ...
— Զուր հույսեր,— ընդհատեց Ռասկոլնիկովյը։
— Թույլ տվեք հարցնել, նրանք միայն երե՞կ են ժամանել։
Ռասկոլնիկովը չպատասխանեց։
— Այո, երեկ, ես գիտեմ։ Ես էլ ընդամենը երկու օր առաջ եմ ժամանել։ Ահա թե այդ առնչությամբ ես ձեզ ինչ կասեմ, Ռոդիոն Ռոմանովիչ. արդարանալը ավելորդ եմ համարում, բայց թույլ տվեք ես էլ իմ խոսքն ասեմ. իսկապես, այստեղ, այս ամենի մեջ ի՞նչ մի առանձին հանցագործություն կա իմ կողմից, եթե դատենք առանց նախապաշարմունքների, խելամտորեն։
Ռասկոլնիկովը շարունակում էր հայացքով լուռ զննել նրան։
— Մի՞թե այն, որ ես իմ տանը հալածում էի անպաշտպան աղջկան, և «նրան վիրավորում իմ կեղտոտ առաջարկություններով» (ինքս եմ առաջուց այդ ասում), բայց ախր նկատի առեք, որ ես էլ մարդ եմ և et nihil humanum<ref>Մարդկային և ոչ մի բան (լատիներեն)։</ref> ինձ խորթ չէ... մի խոսքով, ես էլ ընդունակ եմ հրապուրվելու և սիրելու (որ իհարկե մեր կամքից անկախ է կատարվում), և դա առավելապես բնական կարգով է բացատրվում։ Արդյո՞ք ես հրեշ եմ, թե՞ ինքս եմ զոհը, ահա ամբողջ հարցը։ Իսկ ինչո՞ւ զոհ եմ ես։ Չէ՞ որ իմ սիրեցյալին առաջարկելով ինձ հետ փախչել Ամերիկա կամ Շվեյցարիա, ես թերևս ամենահարգալից զգացմունքներ էի տածում նրան և դեռ մտածում էի երկուստեք երջանկության հասնել։ Չէ՞ որ բանականությունը բուռն սիրույն է ծառայում. գիտցեք, որ ես գուցե ավելի շատ ինձ եմ վնասել...
— Բանը ամենևին էլ այդ չէ,— զզվանքով ընդհատեց Ռասկոլնիկովը,— իրավացի եք դուք, թե ոչ, ուղղակի նողկալի եք, դրա համար էլ չեն ուզում ձեզ ճանաչել և վռնդում են ձեզ, դե գնացե՛ք...
Սվիդրիգայլովը հանկարծ քա՛հ-քա՛հ ծիծաղեց։
— Այնուամենայնիվ ձեզ... անկարելի է շփոթեցնել,— ասաց նա միանգամայն անկեղծորեն քրքջալով,— ես ուզեցի խորամանկել, բայց ոչ, դուք հենց իսկական կետին խփեցիք։
— Դուք այս րոպեին է՛լ եք շարունակում խորամանկել։
— Դե ի՞նչ կա որ, ի՞նչ կա որ,— կրկնեց Սվիդրիգայլովը՝ շարունակելով ծիծաղել,— չէ՞ որ սա, ինչպես ասում են, bonne guerre<ref>Արդար պատերազմ (ֆրանս.)։</ref> է և միանգամայն թույլատրելի խորամանկություն և այնպես, դուք ինձ ընդհատեցիք․ այսպես թե այնպես, նորից եմ պնդում. ոչ մի անախորժություն չէր լինի, եթե լիներ այգում պատահած դեպքը։ Մարֆա Պետրովնան․․․
— Ասում են, որ Մարֆա Պետրովնային էլ դուք մեռցրիք,— կոպիտ ընդհատեց Ռասկոլնիկովը։
— Դուք այդ է՞լ եք լսել։ Ասենք, ինչպե՛ս չլսեիք․․․ Ձեր այդ հարցի վերաբերյալ ուղղակի չգիտեմ ինչ ասեմ, թեև այդ կողմից խիղճս վերին աստիճանի հանգիստ է։ Այսինքն՝ չմտածեք, թե ես վախենում եմ որևէ բանից, այդ բոլորը կատարվել էր պատշաճ կարգով և լիակատար ճշտությամբ, բժշկական քննությունը հայտնաբերել էր կաթվածահարություն, որը առաջացել էր կուշտ ճաշից և համարյա մեկ շիշ գինի խմելուց հետո սառը ջրում լողանալուց, ու չէր էլ կարող ուրիշ որևէ բան հայտաբերել... Ա՛յ թե ես որոշ ժամանակ ինչ էի մտածում, մանավանդ ճանապարհին, վագոնում նստած, արդյո՞ք ես այդ ամբողջ․․․ դժբախտությանը չէի նպաստել որևէ կերպ, նրան բարոյապես ջղայնացնելով կամ որևէ նման բանով։ Բայց եզրակացրի, որ այդ էլ ամենևին չէր կարող լինել։
Ռասկոլնիկովը ծիծաղեց։
― Ինչո՞ւ այդպես անհանգստանալ։
— Ինչո՞ւ եք ծիծաղում։ Հասկացեք, ես ընդամենը երկու անգամ եմ ճիպոտով խփել, նույնիսկ հետքեր էլ չէին մնացել․․․ խնդրեմ ինձ ցինիկ չհամարեք, ես հո շատ լավ գիտեմ, թե դա ինչպիսի գարշ վարմունք է իմ կողմից և այլն, բայց ես նաև հաստատ գիտեմ, որ Մարֆա Պետրովնան ուրախանում էր այսպես ասած՝ իմ այդ սիրաբանությամբ։ Ձեր քույրիկին վերաբերող պատմությունը բոլորովին վերջացել էր։ Մարֆա Պետրովնան ստիպված էր երեք օր տանը նստել, էլ խոսելու բան չէր մնացել, որի համար նա ման գար քաղաքում և բացի այդ, բոլորին ձանձրացրել էր այն նամակով (նամակը ուրիշների մոտ կարդալու մասին լսե՞լ եք)։ Ու հանկարծ ճիպոտի այդ երկու հարվածը... Առաջին հերթին հրամայեց պատրաստել կառեթը... Ես արդեն չեմ էլ խոսում այն մասին, որ երբեմն կանանց համար շատ և շատ հաճելի է լինել վիրավորված, չնայած առերևույթ զայրույթին։ Նրանք բոլորն էլ այդպես են անում, առհասարակ մարդը նույնիսկ շատ և շատ է սիրում վիրավորված լինել, դուք այդ նկատե՞լ եք։ Այդպես են մանավանդ կանայք։ Նույնիսկ կարելի է ասեք, որ հենց դրանով են բավարարվում։
Լինում էին րոպեներ, երբ Ռասկոլնիկովը մտածում էր վեր կենալ ու գնալ և դրանով վերջացնել տեսակցությունը։ Բայց որոշ հետաքրքրությունից և ինչ֊որ նկատառումից դրդված, նա շարունակում էր խոսակցությունը։
— Դուք սիրո՞ւմ եք կռվել,— մտացրիվ հարցրեց նա։
— Ոչ, այնքան էլ չեմ սիրում,— հանգիստ պատասխանեց Սվիդրիգայլովը։— Ես ու Մարֆա Պետրովնան համարյա չէինք կռվում։ Մենք շաա համերաշխ էինք ապրում, և նա ինձնից միշտ էլ գոհ էր մնում։ Մեր ամբողջ յոթ տարվա կյանքում ես ընդամենը միայն երկու անգամ եմ գործադրել ճիպոտը (եթե չհաշվենք նաև երրորդ դեպքը, որը, սակայն, խիստ երկիմաստ էր)։ Առաջին անգամ, մեր ամուսնանալուց երկու ամիս անց, գյուղ ժամանելուց անմիջապես հետո, և ահա այդ վերջին դեպքը։ Իսկ դուք կարծում էիք, թե ես հրե՞շ եմ, հետադիմակա՞ն եմ, ճորտության կողմնակի՞ց, քա՛հ-քա՛հ֊քա՛հ... Հա՛, Ռոդիոն Ռոմանովիչ, հիշո՞ւմ եք, թե ինչպես մի քանի տարի առաջ, դեռ փրկարար հրապարակայնության ժամանակներում մեզ մոտ ամբողջ ժողովրդի առաջ և ամբողջ մամուլում խայտառակեցին մի ազնվականի, որի ազգանունը միտս չէ և որը վագոնում մի գերմանուհու էր դնքսել, հիշո՞ւմ եք։ Հենց այն ժամանակ էլ, կարծեմ հենց նույն տարում տեղի ունեցավ նաև Վեկի այլանդակ վարմունքը (էհ, ''եգիպտական գիշերներ'', հրապարակային ընթերցում, հիշո՞ւմ եք, սև աչքեր։ Օ՜, ո՞ւր ես, մեր ջահելության ոսկի ժամանակ)։ Հա՛, ա՛յ իմ կարծիքը, խորապես չեմ համակրում այն պարոնին, որը դնքսել էր գերմանուհուն, որովհետև իրոք որ... այստեղ ի՞նչ կա համակվելու։ Բայց այնուհանդերձ չեմ կարող չհայտարարել հետևյալը, երբեմն այնպիսի սադրիչ «գերմանուհիներ» են պատահում, որ ոչ մի առաջադեմ մարդ չի կարող հանդուրժել նրանց վարմունքը, ինձ այդպես է թվում։ Այն ժամանակ ոչ ոք այսպիսի տեսակետով չի նայել իրերին, մինչդեռ սա իսկական մարդասիրական տեսակետ է, այո, այդպես է։
Այս ասելով, Սվիդրիգայլովը հանկարծ նորից ծիծաղեց։ Ռասկոլնիկովի համար պարզ էր, որ նա հաստատապես ինչ-որ վճիռ ընդունած և խելքը գլխին մարդ է։
— Դուք երևի մի քանի օր ոչ ոքի հետ չե՞ք խոսել,— հարցրեց նա։
— Համարյա այդպես է։ Ի՞նչ կա որ, երևի զարմանում եք, որ ես այսպիսի մեղմաբարո մարդ եմ։
— Ոչ, ես զարմանում եմ, որ դուք չափից դուրս մեղմաբարո եք։
— Որովհետև չէ՞ի վիրավորվում ձեր հարցերի կոպտությունից։ Այդպե՞ս է, թե ինչ։ Էհ... Ինչո՞ւ վիրավորվել, ինչպես որ հարցնում էիք, այնպես էլ պատասխանում էի,— պարզամտության զարմանալի արտահայտությամբ ավելացրեց Սվիդրիգայլովը։— Ես առանձնապես ոչնչով չեմ հետաքրքրվում, աստված վկա,— մտասույզ շարունակեց նա։— Մանավանդ հիմա ոչնչով չեմ զբաղվում... Դուք երևի կկարծեք, թե ես շողոքորթում եմ, մանավանդ որ գործը վերաբերում է ձեր քրոջը, ինքս հայտարարեցի։ Բայց ես անկեղծորեն կասեմ ձեզ, որ շատ եմ ձանձրանում, մանավանդ այս երեք օրում, այնպես որ, հանդիպելով ձեզ, նույնիսկ ուրախացա... Մի բարկանաք, Ռոդիոն Ռոմանովիչ, չգիտեմ ինչու դուք ինձ շաա տարօրինակ եք թվում։ Ձեր մեջ ինչ֊որ մի բան կա և հենց հիմա, այսինքն՝ ոչ թե այս րոպեիս, այլ առհասարակ հիմա... Լավ, լավ, չեմ ասի, մի նոթոտվեք։ Ես այնպիսի արջ չեմ, ինչպես դուք եք կարծում։
Ռասկոլնիկովը մռայլ նայեց նրան։
— Դուք գուցե և ամենևին էլ արջ չեք,— ասաց նա։— Ինձ նույնիսկ թվում է, որ դուք շատ լավ հասարակությունից եք կամ գոնե կարողանում եք հարկավոր դեպքում նաև կարգին մարդ լինել։
— Ես առանձնապես չեմ հետաքրքրվում որևէ մեկի կարծիքով,— սառը տոնով և կարծես նույնիսկ մի փոքր գոռոզաբար պատասխանեց Սվիդրիգալյովը,— ուստի և ինչո՞ւ գռեհկամիտ չլինել, երբ այդ հագուստը այնքան սազական է մեր կլիմայում և... և մանավանդ եթե դեպի այդ բնական հակում ունես,— նորից ծիծաղելով ավելացրեց Սվիդրիգայլովը։
— Ես լսել եմ, որ դուք այստեղ շատ ծանոթներ ունեք։ Դուք, ինչպես ասում են, «առանց կապերի չեք»։ Այդ դեպքում ես ձեր ինչի՞ն եմ պետք, եթե ոչ ինչ֊որ նպատակների համար։
— Դուք ճիշտ ասացիք, որ ես ծանոթներ ունեմ,— վրա բերեց Սվիդրիգայլովը՝ չպատասխանելով գլխավոր խնդրին,— ես արդեն հանդիպումներ եմ ունեցել, երրորդ օրն է, որ թրևում եմ. թե ինքս եմ նրանց ճանաչում, և թե նրանք են ինձ ճանաչում։ Դե իհարկե, վայելուչ եմ հագնված և աղքատ մարդ չեմ համարվում, գյուղացիական ռեֆորմը մեզ չշոշափեց. կան անտառներ և ողողվող մարգագետիններ, եկամուտը չի կորչում, բայց... ես այնտեղ չեմ գնա. առաջ էլ այնտեղ ձանձրանում էի. երրորդ օրն է, որ շրջում եմ ու ոչ ոքի բան չեմ ասում... Սա հո քաղաք է, այսինքն՝ ինչպես մեզ մոտ անվանվում է, ասացեք խնդրեմ, գրասենյակային աշխատողների և ամեն տեսակ սեմինարիստների քաղաք է։ Առաջ, մի ութ տարի առաջ, երբ ես այստեղ պարապ֊սարապ թրևում էի, շատ բան չէի նկատում... Այժմ հենց միայն անատոմիայի վրա եմ հույս դնում, աստված վկա։
— Ի՞նչ անատոմիա։
— Հա, այդ ակումբների, Դյուսոնների, ձեր այդ պուանտների մասին, նրանք թերևս դեպի լավն են գնում, էհ, թող դա առանց մեզ լինի,— շարունակեց Սվիդրիգայլովը՝ դարձյալ աչքաթող անելով հարցը։— Էհ, ո՞վ կուզենա շուլեր լինել։
— Իսկ դուք շուլեր է՞լ եք եղել։
— Առանց դրան ո՞նց կլինի։ Ութ տարի առաջ էր, մենք մի ամբողջ, կարգին խումբ էինք, ժամանակ էինք անցկացնում. և գիտե՞ք, բոլորն էլ լավ վարք ու բարքի մարդիկ էին, կային բանաստեղծներ, կապիտալիստներ։ Առհասարակ մեզ մոտ, ռուս հասարակության մեջ, ամենալավ վարքագիծ ունեն նրանք, ովքեր կասկածելի համբավ ունեն, դուք այդ նկատե՞լ եք։ Գյուղում ես վատ վիճակի հասա։ Քիչ մնաց որ ինձ բանտ նստեցնեին Նեժինի մի հույնի պարտք ունենալուս համար։ Հենց այդ ժամանակ էլ վրա հասավ Մարֆա Պետրովնան, սակարկեց և ինձ փրկագնեց երեսուն հազար մանեթով։ (Ընդամենը ես պարտք էի 70000)։ Ես ու նա կապվեցինք օրինական ամուսնությամբ, և նա ինձ տարավ գյուղ, իր մոտ, ասես նրա համար գանձ լինեի։ Նա ինձնից հինգ տարով մեծ էր։ Շատ էր սիրում։ Յոթ տարի գյուղից դուրս չէի գալիս։ Եվ գիտե՞ք, իր ամբողջ կյանքում ուրիշի անունով այդ երեսուն հազարի փաստաթուղթ էր պահում իմ դեմ։ Այնպես որ եթե ես որևէ կերպ ըմբոստանայի, նա ինձ թակարդ կգցեր։ Եվ նա այդ կաներ. չէ՞ որ կանայք երբեմն այդպես են վարվում։
— Իսկ եթե փաստաթուղթը չլիներ, կփախչեի՞ք։
— Չգիտեմ ինչ ասեմ ձեզ։ Այդ փաստաթուղթը ինձ համարյա չէր անհանգստացնում։ Ես չէի ուզում որևէ տեղ մեկնել։ Տեսնելով, որ ես ձանձրանում եմ, Մարֆա Պետրովնան ինքը երկու անգամ ինձ հրավիրեց մեկնել արտասահման։ եվ ի՞նչ։ Առաջ ես գնացել էի արտասահման և այնտեղ միշտ ինձ վատ էի զգում։ Զորօրինակ, ահա բացվում է արշալույսը, ահա քեզ Նեապոլի ծովածոցը, ծովը, նայում ես ու մի տեսակ տխրում։ Ամենից գարշելին այն է, որ իսկապես, տխրում ես ինչ֊որ պատճառով։ Ոչ, հայրենիքում ավելի լավ է․ այստեղ գոնե ամեն բանի համար ուրիշներին ես մեղադրում, ու ինքդ քեզ արդարացնում։ Ես հիմա գուցե դեպի Հյուսիսային բևեռը արշավի գնայի, քանի որ j’ai le vin mauvais<ref>Հարբած վիճակում ես վատ եմ լինում (ֆրանս․)։</ref>, ու խմելը ինձ համար զզվելի է, իսկ գինուց բացի ուրիշ ոչինչ չի մնում։ Փորձել եմ։ Հա՛, ասում են Բերդը կիրակի օրը Յուսուպովի այգում թռչելու է ահագին օդապարիկով, որոշ վճարով մասնակից է հրավիրում, ճի՞շտ է։
— Դե թռչեիք, էլի՛։
— Ե՞ս։ Ոչ... երբե՛ք...— ասես մտածմունքի մեջ ընկնելով, փնթփնթաց Սվիդրիգայլովը։
«Ախր ի՞նչ կա սրա մտքում»,— մտածեց Ռասկոլնիկովը։
— Ոչ, փաստաթուղթը ինձ չէր անհանգստացնում,— մտախոհ շարունակեց Սվիդրիգայլովը,— ես ինքս չէի ուզում մեկնել գյուղից։ Մի տարի առաջ Մարֆա Պետրովնան իմ անվանակոչության օրը այդ փաստաթուղթը վերադարձրեց ինձ և դեռ մի զգալի գումար էլ նվիրեց։ Նա կապիտալ ուներ։ «Տեսնո՞ւմ եք, թե ես ինչպես եմ ձեզ վստահում, Արկադի Իվանովիչ», իրավ, այդպես էլ արտահայտվեց։ Դուք չե՞ք հավատում, որ այդպես արտահայտվեց։ Գիտե՞ք, ես գյուղում կարգին տնտեսատեր դարձա, շրջակայքում ճանաչում են ինձ։ Գրքեր էի պատվիրում ու ստանում։ Մարֆա Պետրովնան սկզբում դրան հավանություն տվեց, իսկ հետո վախենում էր, որ ես երկար կարդալուց կվնասվեմ։
— Դուք կարծես թե շատ եք կարոտում Մարֆա Պետրովնային, այնպես չէ՞։
— Ե՞ս։ Գուցե։ Ի՞նչ ասեմ, գուցե։ Հա՛, դուք հավատո՞ւմ եք տեսիլքներին։
— Ի՞նչ տեսիլքներ։
— Սովորական տեսիլքներին, է՛լի։
— Ի՞նչ է, հայտնվո՞ւմ են։
— Թերևս ոչ, ասում եմ pour vous plaire․․․<ref>Ձեզ գոհացնելու համար (ֆրանս․)։</ref>։ Այսինքն՝ մի քիչ հավատում եմ։
— Ի՞նչ է հայտնվո՞ւմ են։
Սվիդրիգայլովը ինչ-որ տարօրինակ հայացքով նայեց Ռասկոլնիկովին։
— Մարֆա Պետրովնան բարեհաճում է այցելել,— ասաց նա և նրա բերանը ծռմռվեց ինչ֊որ տարօրինակ ժպիտից։
— Ինչպե՞ս թե բարեհաճում է այցելել։
— Արդեն երեք անգամ եկել է։ Առաջին անգամ ես նրան տեսա հենց թաղման օրը, գերեզմանոցից վերադառնալուց մի Ժամ հետո։ Երկրորդ անգամ տեսա երկու֊երեք օր առաջ, ճանապարհին, լուսաբացին, Մալայա Վիշերա կայարանում, իսկ երրորդ անգամ տեսա իմ զբաղեցրած բնակարանում, սենյակում, ես մենակ էի։
— Արթուն ժամանա՞կ։
— Այո։ Երեք անգամն էլ արթուն ժամանակ տեսա։ Գալիս է, մի րոպե խոսում ու գնում դռնից․ միշտ դռնից։ Դա կարծես նույնիսկ լսվում է։
— Չգիտեմ ինչու, ես այդպես էլ կարծում էի, որ ձեզ անպայման որևէ նման բան է պատահում,— հանկարծ ասաց Ռասկոլնիկովը ու նույն րոպեին զարմացավ, որ այդ ասաց։ Նա սաստիկ հուզված էր։
— Ահա թե ի-ի՜նչ։ Դուք այդպե՞ս էիք կարծում, հա՞,— զարմանքով հարցրեց Սվիդրիգայլովը։— Ես արդյոք չե՞մ ասել, որ մեր մեջ մի ինչ֊որ ընդհանուր բան կա, հը՞։
— Դուք այդ երբեք չեք ասել,— կտրուկ և տաքացած պատասխանեց Ռասկոլնիկովը։
— Չե՞մ ասել։
― Ոչ։
— Ինձ թվաց, թե ասել եմ։ Երբ ես ներս մտա ու տեսա, որ դուք պառկած եք փակ աչքերով ու քնած եք ձևանում, իսկույն ինքս ինձ ասացի՝ «սա հենց նա է, որ կա»։
— Այսինքն ո՞վ. ինչի՞ մասին եք խոսում,— գոչեց Ռասկոլնիկովը։
— Ինչի մասի՞ն։ Ճիշտն ասած չգիտեմ...— պարզամտությամբ ու մի տեսակ շփոթվելով փնթփնթաց Սվիդրիգայլովը։
Մի րոպե լռեցին։ Երկուսն էլ խորազնին իրար էին նայում։
— Այդ բոլորը դատարկ բան է,— սրտնեղելով գոչեց Ռասկոլնիկովը։— Հա՛, երբ գալիս է Մարֆա Պետրովնան, ձեզ ի՞նչ է ասում,
— Նա՞։ Երևակայեցեք, այնպիսի չնչին ու դատարկ բաներ է ասում, որ ուղղակի կզարմանաք, հենց այդ էլ բարկացնում է ինձ։ Առաջին անգամ (գիտե՞ք, ես հոգնած էի. է՛լ թաղման արարողություն, է՛լ հոգեհանգիստ, հետո արտակարգ մաղթանք, հացկերույթ․ վերջապես, կաբինետում մնացի մենակ, սիգար ծխեցի, մտածմունքի մեջ ընկա) ներս մտավ դռնից, ասաց՝ «Դուք, Արկադի Իվանովիչ, այսօր հոգսերով եք զբաղված և մոռացել եք սեղանատան ժամացույցը լարել»։ Իսկ այդ ժամացույցը ամբողջ յոթ տարվա ընթացքում ամեն շաբաթ իրոք ես էի լարում, իսկ երբ մոռանում էի, նա միշտ հիշեցնում էր ինձ։ Մյուս օրը ես արդեն այստեղ էի ճանապարհվում։ Լուսաբացին գնացի կայարան. գիշերը լավ չէի քնել, հոգնած էի, աչքերս քնկոտ էին. սուրճ վերցրի, մեկ էլ տեսնեմ Մարֆա Պետրովնան հանկարծ նստում է կողքիս, ձեռքին մի կապուկ խաղաթուղթ. «Ճանապարհի առիթով չգուշակե՞մ ձեր բախտը, Արկադի Իվանովիչ»։ Նա հիանալի գուշակող էր։ Ես թույլ չտվի գուշակել, և դա աններելի էր իմ կողմից։ Վախեցա փախա, ու գնացքի զանգն էլ տվին։ Այսօր, ճաշարանից վերցրած ամենաանպետք ճաշը ուտելուց հետո, ծանր ստամոքսով նստել ու ծխում էի. հանկարծ էլի ներս է մտնում Մարֆա Պետրովնան, ամբողջովին զուգված, մետաքսե նոր, կանաչ շրջազգեստով, խիստ երկար պոչով. «Բարև ձեզ, Արկադի Իվանովիչ, ձեր ճաշակով ինչպիսի՞ն է իմ շրջազգեստը. Անիսկան այսպես չի կարի»։ (Անիսկան մեզ մոտ, գյուղում դերձակուհի էր, նախկին ճորտերից, դերձակությունը Մոսկվայում էր սովորել, լավ աղջիկ է)։ Հա՛, կանգնել է, պտտվում է իմ առջև։ Ես զննեցի շրջազգեստը, հետո ուշադրությամբ նայեցի նրա դեմքին. «Մարֆա Պետրովնա,— ասում եմ,— ձեր ինչի՞ն է պետք այդպիսի դատարկ բաների համար ինձ մոտ գալ, անհանգստանալ»։ «Ախ, աստված իմ, ա՛յ պատվելի, ուրեմն քեզ անհանգստացնել է՞լ չի կարելի»։ Նրան ձեռ առնելու համար ասում եմ՝ «Ես, Մարֆա Պետրովնա, ուզում եմ ամուսնանալ»։ «Ձեզնից այդ կարելի է սպասել, Արկադի Իվանովիչ. ձեզ այնքան էլ պատիվ չի բերում, որ դուք ձեր կնոջը հենց նոր թաղած, իսկույն ամուսնանալ եք ուզում։ Գոնե լավ ընտրություն անեիք, թե չէ ես գիտեմ, ոչ նա բախտավոր կլինի, ոչ էլ դուք, ու միայն կծիծաղեցննի մարդկանց»։ Հետո էլ դուրս ելավ, պոչն էլ կարծես խշշում էր։ Ինչպիսի՜ անհեթեթություն, հը՞։
— Սակայն դուք գուցե ստո՞ւմ եք,— ասաց Ռասկոլնիկովը։
— Ես հազվադեպ եմ ստում,— մտախոհ պատասխանեց Սվիդրիգայլովը՝ կարծես բոլորովին չնկատելով հարցի կոպտությունը։
— Իսկ առաջ, մինչ այդ դուք ուրվականներ երբեք չէ՞իք տեսնում։
— Ը... ը... հա՛, տեսել եմ կյանքումս միայն մեկ անգամ, վեց տարի առաջ։ Ինձ մոտ Ֆիլկա անունով մի սպասավոր կար. նրան հենց նոր էին թաղել, երբ ես այդ մոռանալով, կանչեցի՝ Ֆիլկա, ծխամորճ բեր. նա ներս մտավ և ուղղակի մոտեցավ բրգաձև դարակին, որտեղ գտնվում էին ծխամորճերը։ Ես նստել եմ, մտածում եմ՝ «Նա ինձնից վրեժ է առնում, որովհետև հենց իր մահից առաջ մենք թունդ կռվել էինք»։ «Ինչպե՞ս ես համարձակվում պատռված արմունկով մտնել ինձ մոտ, կորի-գնա, սրիկա», ասում եմ ես։ Շուռ եկավ, գնաց ու էլ չեկավ։ Ես Մարֆա Պետրովնային ոչինչ չասացի։ Ուզեցի հոգեհանգիստ կատարել, բայց ամաչեցի։
— Գնացեք բժշկի մոտ։
— Դե ես առանց ձեզ էլ հասկանում եմ, որ անառողջ եմ, թեև, ճիշտն ասած, չգիտեմ ինչով, ըստ իս ես հավանորեն մի հինգ անգամ ավելի առողջ եմ, քան դուք։ Ես ձեզ չհարցրի՝ հավատո՞ւմ եք թե ոչ, որ տեսիլքներ են հայտնվում, ես ձեզ հարցրի՝ հավատո՞ւմ եք դուք, որ տեսիլքներ կան։
— Ոչ մի դեպքում չեմ հավատա,— նույնիսկ որոշ ցասումով գոչեց Ռասկոլնիկովը։
— Ախր սովորաբար ի՞նչ են ասում,— կարծես ինքն իր մեջ փնթփնթաց Սվիդրիգայլովը՝ նայելով մի կողմ և մի քիչ թեքելով գլուխը։— Նրանք ասում են՝ «Դու հիվանդ ես, ուրեմն ինչ որ քեզ պատկերանում է, գոյություն չունի և միայն զառանցանք է»։ Իսկ չէ՞ որ այստեղ խիստ տրամաբանություն չկա, ես համաձայն եմ, որ ուրվականները միայն հիվանդներին են երևում, բայց դա հո ապացուցում է, որ ուրվականները կարող են երևալ ոչ այլ կերպ, քան հիվանդներին, և ոչ թե ինքնին նրանք չկան։
— Իհարկե, չկան,— ջղայնացած պնդեց Ռասկոլնիկովը։
— Չկա՞ն, դուք այդպե՞ս եք կարծում,— վրա բերեց Սվիդրիգայլովը՝ երկար նայելով նրան։— Լավ, իսկ ի՞նչ կասեք, եթե այսպես դատենք (հապա՛, օգնեցեք). «Տեսիլքները, այսպես ասած, բեկորներն ու հատվածներն են ուրիշ աշխարհների, դրանց սկիզբն են։ Առողջ մարդը, իհարկե, դրանք չի տեսնի, որովհետև առողջ մարդը առավելապես երկրային մարդ է, ուրեմն և պետք է ապրի միայն այստեղի կյանքով, լիակատար և կանոնավոր ապրելու համար։ Ու հենց որ հիվանդացավ, հենց որ օրգանիզմում խախտվեց նորմալ երկրային կարգը, անմիջապես սկսում է արտահայտվել այլ աշխարհի հնարավորությունը, ու որքան ուժեղ է հիվանդությունը, այնքան շատ են շփումները այլ աշխարհի հետ, այնպես որ երբ մարդը բոլորովին մեռնի, անմիջականորեն կանցնի մյուս աշխարհը»։ Ես վաղուց էի այդ մասին դատողություններ անում։ Եթե հավատում եք հանդերձյալ կյանքին, ապա կարելի է հավատալ նաև այս դատողությանը։
— Ես չեմ հավատում հանդերձյալ կյանքին,— ասաց Ռասկոլնիկովը։
Սվիդրիգայլովը մտազբաղ էր։
— Գուցե այնտեղ կան միայն սարդեր կամ որևէ այդպիսի մի բան,— հանկարծ ասաց նա։
«Սա խելագարված է»,— մտածեց Ռասկոլնիկովը։
— Հավերժությունը շարունակ մեզ պատկերվում է որպես անըմբռնելի մի իդեա, որպես վիթխարի, վիթխարի մի բան։ Ինչո՞ւ անպայման վիթխարի։ Երևակայեցեք, որ հանկարծ դրա փոխարեն այնտեղ կլինի գյուղական բաղնիքի նման մի փոքրիկ, մրակալած սենյակ, որի բոլոր անկյուններում՝ սարդեր, և ահա համակ հավերժությունը։ Գիտե՞ք, երբեմն ինձ այդպես է թվում։
— Մի՞թե ձեզ դրանից ավելի սփոփիչ և ավելի արդարացի ոչ մի բան չի պատկերանում,— հիվանդագին զգացումով գոչեց Ռասկոլնիկովը։
— Ավելի արդարացի՞։ Դե ի՞նչ իմանաս, գուցե արդարացին հենց այդ է որ կա, ու գիտե՞ք, ես անպայման, դիտմամբ այդպես կանեի,— անորոշ ժպիտով պատասխանեց Սվիդրիգայլովը։
Լսելով այդ արտառոց պատասխանը, Ռասկոլնիկովը հանկարծակի ինչ-որ սարսուռ զգաց։ Սվիդրիգայլովը բարձրացրեց գլուխը, ակնապիշ նայեց նրան ու հանկարծ քա՛հ-քա՛հ ծիծաղեց։
— Ոչ, դուք ահա թե ինչ հասկացեք,— գոչեց նա,— կես ժամ առաջ մենք իրար չէինք էլ տեսել, թշնամիներ ենք համարվում, մեր մեջ չլուծված խնդիր կա. մենք այդ մի կողմ թողինք և այսպես պատեպատ ընկանք։ Հապա ես ճիշտ չէի՞ ասում, որ մենք մի սանրի կտավ ենք։
— Դե բարի եղեք,— ջղայնոտ վրա բերեց Ռասկոլնիկովը,— թույլ տվեք ձեզ խնդրել շուտ բացատրվել և ինձ հաղորդել, թե ինչու ինձ արժանացրիք ձեր այցելության պատվին... և... և... գիտե՞ք, ես շտապում եմ, ժամանակ չունեմ, ուզում եմ գնալ...
— Խնդրեմ, խնդրեմ։ Ձեր քույրիկը։ Ավդոտյա Ռոմանովնան պարոն Լուժինի, Պյոտր Պետրովիչի հե՞տ է ամուսնանում։
— Չի՞ կարելի արդյոք մի կողմ թողնել քրոջս վերաբերող ամեն մի հարց և չհիշատակել նրա անունը։ Ես նույնիսկ չեմ հասկանում, թե դուք ինչպես եք համարձակվում իմ ներկայությամբ ասել նրա անունը, եթե միայն դուք իսկապես Սվիդրիգայլովն եք։
— Ախր ես հենց նրա մասին խոսելու համար եմ եկել, էլ ինչպե՞ս չտամ նրա անունը։
— Լավ, ասացեք, բայց շուտ։
— Ես հավատացած եմ, որ դուք այդ պարոն Լուժինի, կնոջս կողմից իմ ազգականի մասին արդեն կազմել եք ձեր կարծիքը, եթե թեկուզ կես ժամ տեսել եք նրան կամ նրա մասին որևէ ստույգ ու ճշգրիտ բան եք լսել։ Նա չի սազում Ավդոտյա Ռոմանովնային։ Ըստ իս, Ավդոտյա Ռոմանովնան այդ գործում խիստ մեծահոգաբար և շատ բան հաշվի չառնելով իրեն զոհաբերում է... իր ընտանիքի համար։ Այն ամենի հետևանքով, ինչ որ ես լսել եմ ձեր մասին, ինձ թվաց, որ դուք ձեր կողմից շատ գոհ կլինեիք, եթե այդ ամուսնոլթյունը խանգարվեր առանց երկու կողմերի շահերի խախտման։ Իսկ հիմա, անձամբ ճանաչելով ձեզ, ես նույնիսկ վստահ եմ դրանում։
— Ձեր կողմից այդ ամենը սոսկ պարզամտություն է. ներեցեք ինձ, ես ուզում էի ասել լկտիություն է,— պատասխանեց Ռասկոլնիկովը։
— Այսինքն՝ դրանով ուզում եք ասել, թե ես իմ մասին եմ հոգում։ Ներեցեք, Ռոդիոն Ռոմանովիչ, եթե ես հոգայի իմ շահի համար, ապա այդպես շիտակ չէի արտահայտվի, ես հո բոլորովին հիմար չե՞մ։ Այս առումով ես կբացահայտեմ մի հոգեբանական տարօրինակություն։ Քիչ առաջ ես, արդարացնելով իմ սերը դեպի Ավդոտյա Ռոմանովնան, ասացի, որ ինքս եմ զոհ դարձել։ Դե ուրեմն գիտցեք, որ ես հիմա ոչ մի սեր չեմ զգում, ոչ մի սեր, այնպես որ, դա նույնիսկ ինձ համար էլ տարօրինակ է, որովհետև ես առաջ իսկապես մի ինչ֊որ բան էի զգում...
— Պարապությունից և անառակությունից,— ընդհատեց Ռասկոլնիկովը։
— Իսկապես, ես անառակ ու պարապ մարդ եմ։ Սակայն ձեր քույրիկը այնքան առավելություններ ունի, որ ես չէի կարող չենթարկվել որոշ տպավորության։ Բայց այդ բոլորը դատարկ բան է, ինչպես հիմա ինքս էլ եմ տեսնում։
— Վաղո՞ւց եք այդ տեսել։
— Առաջ էլ սկսել էի նկատել, բայց վերջնականապես համոզվեցի երկու֊երեք օր առաջ, համարյա հենց այն րոպեին, երբ ժամանեցի Պետերբուրգ։ Սակայն գեռ Մոսկվայում երևակայում էի, թե գնում եմ Ավդոտյա Ռոմանովնայի ձեռքը խնդրելու և մրցակցելու պարոն Լուժինի հետ։
— Ներեցեք, որ ես ձեզ ընդհատում եմ, բարի եղեք կրրճատել այդ ամենը և ուղղակի անցնել ձեր այցելոլթյան նպատակին։ Ես շտապում եմ, պետք է տեղ գնամ.,.
— Մեծագույն հաճույքով։ Ժամանելով այստեղ և հիմա որոշելով մի քիչ․․․ ճամփորդություն կատարել, ես ցանկացա նախնական անհրաժեշտ կարգադրություններ անել։ Երեխաներս մնացել են իրենց մորաքրոջ մոտ, նրանք հարուստ են, առանձնապես ես նրանց հարկավոր չեմ։ Եվ ի՞նչ հայր եմ որ։ Ինձ համար վերցրել եմ միայն այն, ինչ որ մի տարի առաջ ինձ նվիրել էր Մարֆա Պետրովնան։ Դա բավական է ինձ։ Ներեցեք, հիմա անցնում եմ բուն գործին։ Ճամփորդությունից առաջ, որը գուցե և կատարվի, ես ուզում եմ գործը վերջացնել պարոն Լուժինի հետ։ Բանը այն չէ, որ ես չէի կարողանում նրան հանդուրժել, այլ այն է, որ նրա պատճառով ես գժտվեցի Մարֆա Պետրովնայի հետ, երբ իմացա, որ նա էր սարքել այդ հարսանիքը։ Ես ցանկանում եմ Ավդոտյա Ռոմանովնայի հետ հիմա տեսնվել ձեր միջոցով ու թերևս ձեր ներկայությամբ, նախ՝ բացատրել նրան, որ պարոն Լուժինից նա ոչ միայն որևէ օգուտ չի ունենա, այլև պարզապես վնաս կքաշի։ Այնուհետև նրանից ներողության խնդրելով վերջերս եղած այղ բոլոր անախորժությունների համար, ես նրանից թույլտվություն կխնդրեի իրեն առաջարկել տասը հազար ռուբլի և այդ կերպ հեշտացնել Լուժինից ձեռ քաշելը, ես հավատացած եմ, որ նա ինքն էլ այդ կուզենա, միայն թե հնարավոր լինի։
— Բայց դուք իսկապես որ, իսկապես որ խելագար եք,— բղավեց նույնիսկ ոչ այնքան բարկացած, որքան զարմացած Ռասկոլնիկովը։— Ինչպե՞ս եք համարձակվում այդպես խոսել։
― Ես այդպես էլ գիտեի, որ դուք կբղավեք, բայց, նախ՝ ես թեև հարուստ չեմ, այնուամենայնիվ այդ տասը հազարը ինձ մոտ ազատ է, այսինքն՝ ինձ բոլորովին, բոլորովին հարկավոր չէ։ Եթե Ավդոտյա Ռոմանովնան չընդունի, ես այդ փողը ավելի հիմար բանի վրա կգործադրեմ։ Այս մեկ։ Երկրորդ, իմ խիղճը բոլորովին հանգիստ է. ես առանց որևէ հաշվենկատության եմ առաջարկում։ Հավատում եք, թե ոչ, հետագայում այդ կիմանաք թե՛ դուք և թե՛ Ավդոտյա Ռոմանովնան։ Ամբողջ բանն այն է, որ ես որոշ հոգսեր ու անախորժություններ եմ պատճառել ձեր շատ հարգելի քրոջը, հետևաբար, զգալով անկեղծ զղջում, սրտանց ցանկանում եմ ոչ թե մեղքս քավել, ոչ թե հատուցել անախորժությունների համար, այլ պարզապես նրա համար մի որևէ շահեկան բան անել, քանի որ ես հո արտոնություն չե՞մ վերցրել միայն չարիք գործելու համար։ Եթե իմ առաջարկի թեկուզ մեկ միլիոներորդականը հաշվենկատություն լիներ, ես այսպես ուղղակի կերպով առաջարկ չէի անի. չէի առաջարկի ընդամենը միայն տասը հազար, քանի որ ընդամենը հինգ շաբաթ առաջ նրան ավելի մեծ գումար էի առաջարկել։ Բացի դրանից, ես գուցե շաա շուտով ամուսնանամ մի աղջկա հետ, հետևաբար Ավդոտյա Ռոմանովնայի դեմ որևէ հանցափորձ կատարելու բոլոր կասկածները հենց դրանով էլ կվերանան։ Վերջում կասեմ, որ ամուսնանալով պարոն Լուժինի հետ, Ավդոտյա Ռոմանովնան նույնպիսի փող է վերցնում, միայն թե ուրիշ կողմից... Դե մի բարկանաք, Ռոդիոն Ռոմանովիչ, հանգիստ և սառնասիրտ եղեք։
Այս ասելով, Սվիդրիգայլովն ինքը միանգամայն հանգիստ էր ու սառնասիրտ։
— Խնդրում եմ վերջացնեք,— ասաց Ռասկոլնիկովը։— Համենայն դեպս դա աններելի հանդգնություն է։
— Ամենևին։ Դրանից հետո այս աշխարհում մարդը մարդուն կարող է միայն չարիք պատճառել և ընդհակառակը, ընդունված դատարկ ձևականությունների հետևանքով իրավունք չունի որևէ բարիք գործել։ Դա անհեթեթություն է։ Իսկ եթե ես, զորօրինակ, մեռնեի և այդ գումարը կտակեի ձեր քրոջը, մի՞թե նա այս դեպքում էլ կհրաժարվեր դրանից։
— Միանգամայն հնարավոր է։
— Օ, ոչ։ Ասենք, թեկուզև չընդուներ, թող այդպես էլ լինի։ Միայն թե տասը հազարը լավ բան է, պեաք է օգտվել առիթից։ Համենայն դեպս խնդրում եմ իմ ասածը հայտնել Ավդոտյա Ռոմանովնային։
— Ոչ, չեմ հայտնի։
— Այդ դեպքում, Ռոդիոն Ռոմանովիչ, ես ստիպված կլինեմ անձամբ տեսակցություն ունենալ և ուրեմն անհանգստություն պատճառել։
— Իսկ եթե ես հայտնեմ, դուք չե՞ք փորձի անձամբ տեսակցություն ունենալ։
— Չգիտեմ ինչ ասեմ ձեզ։ Ես շատ կցանկանայի մի անգամ տեսնվել նրա հեա։
— Հույս չունենաք։
— Ցավալի է։ Ասենք, դուք ինձ չեք ճանաչում։ Գուցե ես ու դուք կբարեկամանանք։
— Դուք կարձում եք, թե կբարեկամանա՞նք։
— Ինչո՞ւ չէ,— ժպտալով ասաց Սվիդրիգայլովը, վեր կացավ ու վերցրեք գլխարկը,— ես հո այնքան էլ չէի ցանկանում ձեզ անհանգստացնել, ու գալով այստեղ, նույնիսկ այնքան էլ հուսադրված չէի, թեև դեռ այսօր առավոտյան ձեր դեմքը զարմացրեց ինձ...
— Առավոտյան որտե՞ղ եք տեսել ինձ,— անհանգստությամբ հարցրեց Ռասկոլնիկովը։
— Պատահմամբ... Ինձ թվում է, որ մեր մեջ մի ինչ-որ նմանություն կա... Մի անհանգստանաք, ես ձանձրացնող չեմ, թե՛ շուլերների հետ եմ յոլա գնացել, թե՛ իշխան Սվիրբեյին, իմ հեռավոր ազգականին և ազնվազարմ անձնավորությանն էլ չեմ ձանձրացրել, թե՛ Ռաֆայելի Մադոննայի մասին եմ գրել տիկին Պրիլուկովայի ալբոմում, թե՛ Մարֆա Պետրովնայի հետ եմ յոթ տարի անընդհատ ապրել կալվածքում, թե՛ Սեննայա հրապարակում, Վյազեմսկու տանն եմ հնում գիշերել, և գուցե Բերդի հետ թռչեմ օդապարիկով։
— Լավ, թույլ տվեք հարցնել, շո՞ւտ եք մեկնելու ճանապարհորդության։
— Ի՞նչ ճանապարհորդություն։
— Դուք հո ինքներդ ասացիք․․․
— Հա՛․․․ Իսկապես, ես այդ մասին ասացի ձեզ... Էհ, դա բարդ հարց է․․․ Հապա մի գիտենայի՜ք, թե ինչի մասին եք հարցնում,— հանկարծ բարձրաձայն ավելացրեց Սվիդրիգայլովը և կարճ ծիծաղեց։— Ես գուցե ճանապարհորդելու փոխարեն ամուսնանամ․ ինձ համար հարսնախոսություն են անում։
— Այստե՞ղ։
— Այո։
— Այդ ե՞րբ հաջողացրիք։
— Բայց շատ եմ ցանկանում մի անգամ տեսնվել Ավդոտյա Ռոմանովնայի հետ։ Լրջորեն եմ խնդրում։ Դե, ցտեսություն․․․ ա՛խ, հա՛, ա՛յ թե մոռացա, Ռոդիոն Ռոմանովիչ, հաղորդեցեք ձեր քրոջը, որ Մարֆա Պետրովնան նրան երեք հազար ռուբլի է կտակել։ Դա բոլորովին ճիշտ է։ Մարֆա Պետրովնան կարգադրություն էր արել մահից մի շաբաթ առաջ, իմ ներկայությամբ։ Երկու-երեք շաբաթ հետո Ավդոտյա Ռոմանովնան կարող է ստանալ փողը։
— Դուք ճի՞շտ եք ասում։
— Ճիշտ։ Հաղորդեցեք։ Դեհ, ցտեսություն։ Ես այստեղից մոտիկ եմ ապրում։
Դուրս գալով, Սվիդրիգայլովը դռան շեմին հանդիպեց Ռազումիխինին։
== II ==
== III ==
== IV ==
== V ==
== VI ==
----
<references/>